Անկում

Գրապահարան-ից
Անկում

հեղինակ՝ Ալբեր Կամյու
թարգմանիչ՝ Գրիգոր Քեշիշյան (ֆրանսերենից)
աղբյուր՝ «Հինգ վիպակ»


Ոմանք սոսկալի, և լրջորեն, վիրավորեցին, որ նրանց իբրև օրինակ ցույց են տալիս այնպիսի մի անբարոյական մարդու, ինչպես Մեր Ժամանակի Հերոսն է։ Ոմանք էլ շատ նրբորեն նկատում էին, որ հեղինակն իր և իր ծանոթների պատկերն է նկարել...
Մեր Ժամանակի Հերոսը, ողորմա՛ծ պարոններս, ճիշտ որ պատկեր է, բայց ո՛չ մի մարդու. այդ մի պատկեր է, որ կազմված է մեր ամբողջ սերդնի արատներից՝ իրենց լրիվ զարգացմամբ առած։
Մ. Յու. Լերմոնտով
  • * *

Կարո՞ղ եմ, պարոն, իմ ծառայություններն առաջարկել ձեզ, առանց ձանձրալի դառնալու վտանգին ենթարկվելու։ Վախենում եմ, որ չկարողանաք ձեզ հասկանալի դարձնել այս հաստատության ճակատագրի վրա իշխող այն հարգելի գորիլլային։ Նա միայն հոլանդերեն է խոսում։ Եթե ինձ թույլ չտաք ձեր դատը պաշտպանել, նա գլխի չի ընկնի, որ դուք գիհօղի եք ցանկանում։ Ահա համարձակվում եմ հուսալ, որ ինձ հասկացել է. գլխի այդ շարժումը պետք է նշանակի, որ նա տեղի է տալիս իմ փաստարկների առջև։ Եվ իսկապես, նա դեպի այս կողմն է շարժվում, նույնիսկ շտապում է, բայց ինչ դիտավորյալ դանդաղկոտությամբ։ Դուք բախտավոր եք, նա չգռմռաց։ Երբ չի ցանկանում սպասարկել, պարզապես գռմռում է, և դա բավական է, որ ոչ ոք այլևս չհամարձակվի պնդել։ Սեփական տրամադրությամբ առաջնորդվելը խոշոր կենդանիների մենաշնորհն է։ Այժմ ես հեռանում եմ, պարոն, երջանիկ եմ, որ կարողացա ձեզ պարտավորեցնել։ Շնորհակալություն, սիրով կընդունեի ձեր հրավերը, եթե վստահ լինեի, որ ձեզ չեմ ձանձրացնում։ Դուք շատ բարի եք։ Ուրեմն բաժակս կտեղավորեմ ձեր բաժակի կողքին։

Դուք իրավացի եք, նրա լռությունը խլացնող է, նման նախնադարյան անտառների լռության, որ լեցուն է վտանգներով։ Երբեմն ես զարմանում եմ այն համր ատելության վրա, որ մեր լռակյաց բարեկամը հանդես է բերում քաղաքակիրթ լեզուների նկատմամբ։ Նրա արհեստը բոլոր ազգերի նավաստիներին ընդունելն է Ամստերդամի այս խորտկարանում, որը չգիտես ինչու նա անվանել է «Մեքսիկո֊սիտի»։ Այդպիսի պարտականությունների դեպքում չե՞ք կարծում, որ նրա տգիտությունը տհաճությունների առիթ կտա։ Պատկերացրեք կրոմանոնյան շրջանի մարդը՝ տեղավորված բաբելոնյան աշտարակում։ Նա առնվազն կտառապեր իր միջավայրից դուրս ընկած լինելու համար։ Բայց ոչ, այս մեկը իր աքսորված վիճակը չի զգում, նա գնում է իր ճանապարհով, և ոչինչ նրան չի խանգարում։ Եզակի նախադասություններից մեկը, որ լսել եմ նրա բերանից, «այո» է, կամ «ոչ», այսինքն՝ իր ասածը կարող եմ ընդունել կամ մերժել։ Ի՞նչը պետք է ընդունել կամ մերժել։ Անշուշտ իրեն, մեր բարեկամին։ Խոստովանում եմ, մի ամբողջական կտորից կազմված այս մարդիկ ինձ գրավում են։ Երբ քո կոչումի կամ արհեստի բերումով երկար ես խորհում մարդու մասին, պատահում է, որ նախնական տիպերի կարոտ ես զգում։ Նրանք առնվազն հետին մտքեր չունեն։

Բայց, ճիշտն ասած, մեր տանտերը ունի նաև հետին մտքեր, թեև դրանք նա թաքցնում է իր հոգու խորքում։ Քանի որ չի հասկանում, թե ինչ են խոսում իր ներկայությամբ, նա ձեռք է բերել չվստահող բնավորություն։ Դրանից էլ՝ նրա այդ մռայլ, խոժոռ լրջությունը։ Կարծես առնվազն կասկածում է, թե մարդկանց մեջ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Այդ պատճառով էլ դժվար է նրա հետ զրուցել այն ամենի մասին, ինչ նրա արհեստին չի վերաբերում։ Նայեցեք, օրինակ, նրա գլխավերևում, պատի վրայի այդ քառակուսի դատարկությանը, որ կարծես իջեցված մի նկարի տեղը լինի։ Իսկապես, այդտեղ մի նկար կար, հատկապես հետաքրքրական մի նկար, մի գլուխգործոց։ Ես ներկա եմ եղել, թե ինչպես տանտերը ստացավ այն և ինչպես տվեց ուրիշի։ Երկու դեպքում էլ՝ նույն անվստահությամբ, շաբաթներ տևող տատանումներից հետո։ Այս տեսակետից պետք է ընդունել, որ հասարակությունը մի քիչ փչացրել է նրա բնավորության նախնական պարզությունը։

Նկատի ունեցեք, որ ես նրան չեմ դատապարտում։ Ես հարգում եմ նրա արդարացի անվստահությունը և սիրով պիտի բաժանեի այն, եթե, ինչպես նկատում եք, իմ ընկերական բնավորությունը չընդդիմանար դրան։ Ափսոս, ես շատախոս եմ և շատ հեշտ եմ ծանոթություններ հաստատում։ Գիտենալով հանդերձ, որ պետք է պատշաճ հեռավորություն պահպանել մարդկանց հետ շփվելիս, բոլոր առիթներն ինձ հարմար են թվում։ Երբ ապրում էի Ֆրանսիայում, չէի կարող հանդիպել որևէ խելացի մարդու, որի հետ անմիջական ընկերություն չհաստատեի։ Ահ, տեսնում եմ, ըղձականի անկատար ժամանակով խոսելու իմ ձևը ձեր ժպիտն է շարժում։ Խոստովանում եմ իմ թուլությունը խոնարհման այդ եղանակի և ընդհանրապես գեղեցիկ լեզվի նկատմամբ։ Այդ թուլությունը ես իմ մեջ քննադատում եմ, հավատացեք, ես լավ գիտեմ, որ նուրբ սպիտակեղենի ճաշակը երբեք չի ենթադրում, որ պետք է կեղտոտ ոտքեր ունենալ։ Բոլորովին։ Թեև ոճը, ինչպես մետաքսը, հաճախ ծածկում է էկզեման։ Ի վերջո ես ինձ մխիթարում եմ՝ ասելով, որ ովքեր աղճատում են լեզուն, նույնպես մաքուր չեն։ Ահ, այո, մեկական գիհօղի ևս վերցնենք։

Ամստերդամում երկա՞ր եք մնալու։ Գեղեցիկ քաղաք է, չէ՞։ Հմայիչ։ Ահա մի ածական, որ վաղուց չեմ լսել։ Այն օրվանից, ինչ թողել եմ Փարիզը, իսկ դա արդեն տարիներ առաջ էր։ Բայց սիրտը իր հիշողությունն ունի, և ես մեր գեղեցիկ մայրաքաղաքից, նրա գետափնյա փողոցներից ոչինչ չեմ մոռացել։ Փարիզը մի իսկական աչք խաբող նկար է, մի հրաշալի զարդանկար՝ չորս միլիոն դիմաստվերներով։ Վերջին մարդահամարով՝ մոտ հինգ միլիոն։ Դե, իհարկե, երեխաներ ծնված պիտի լինեն։ Դա ինձ չի զարմացնի։ Ինձ միշտ թվացել է, որ մեր հայրենակիցները երկու կիրք ունեն, գաղափարները և շնանալը։ Դրանցով նրանք զբաղվում են, այսպես ասած, որտեղ պատահի։ Բայց զգուշանանք նրանց դատապարտելուց, որովհետև նրանք մենակ չեն, ամբողջ Եվրոպան նրանց նման է։ Երբեմն մտածում եմ, թե ինչ են գրելու ապագա պատմաբանները մեր մասին։ Ժամանակակից մարդուն բնորոշելու համար մի նախադասությունը բավական է լինելու. նրանք շնանում էին և թերթեր կարդում։ Այս ուժեղ սահմանումից հետո, համարձակվում եմ ասել, առարկան սպառված կլիներ։

Հոլանդացինե՞րը, օ՜, ո՛չ, նրանք շատ ավելի նվազ ժամանակակից են։ Դիտեցեք, նրանք ազատ ժամանակ շատ ունեն։ Ի՞նչ են անում։ Օրինակ, այդ պարոնները ապրում են այս կանանց աշխատանքով։ Նրանք բոլորն էլ՝ արու և էգ, միջին դասի սովորական էակներ են, որոնք եկել են, ինչպես լինում է սովորաբար, իրենց երազկոտության կամ հիմարության պատճառով։ Կարճ ասած՝ ուժեղ երևակայությունից կամ երևակայության պակասից դրդված։ Ժամանակ առ ժամանակ այս պարոնները դանակի կամ ատրճանակի հետ են խաղում, բայց մի հավատացեք, որ դրանում լրջություն կա։ Խաղացած դերն է ստիպում նրանց, և նրանք վախից մեռնում են վերջին փամփուշտը կրակելուց հետո։ Այս բոլորն ասելով հանդերձ, ես նրանց ավելի բարոյական եմ համարում, քան նրանց, ովքեր ընտանիքում հարազատին մաշեցնելով են սպանում։ Չե՞ք նկատել, որ մեր հասարակությունը կատարելագործված է այդ ձևի սպանության համար։ Բնականաբար դուք լսած կլինեք բրազիլական գետերի այն շատ փոքրիկ ձկնիկների մասին, որոնք հազարներով հարձակվում են անխոհեմ լողորդի վրա և իրենց փոքր ատամների արագ հարվածներով մի քանի վայրկյանում մաքրում֊վերջացնում են նրան, թողնելով միայն կմախքը։ Ահա թե ինչպիսին է նրանց կազմակերպվածությունը։ Դուք, անշուշտ, մաքուր կյանքո՞վ եք ցանկանում ապրել, ինչպես բոլորը։ Դուք բնականաբար «այո» եք ասում։ Ինչպե՞ս «ոչ» ասել։ Համաձայն եմ։ Բայց ձեզ կխժռեն։ Այդպես է կազմակերպված մեր աշխատանքը, մեր ընտանիքը, այդպես են կազմակերպված մեր հաճույքները։ Եվ փոքրիկ ատամները խրվում են մսի մեջ մինչև ոսկորը։ Բայց ես անարդար եմ։ Պետք չէր խոսել նրանց մասին, որովհետև դա նույն ժամանակ մերն էլ է. հարց է, թե ով է ում առաջինը խժռում։

Վերջապես մեր գիհօղին բերում են։ Ձեր բարգավաճման կենացը։ Այո, գորիլլան բացեց բերանը, որպեսզի ինձ դոկտոր անվանի։ Այս երկրներում բոլորը դոկտոր և պրոֆեսոր են։ Հոլանդացիները սիրում են մեծարել. նրանք այդ անում են բարությունից կամ համեստությունից։ Նրանց մոտ չարությունը առնվազն ազգային բնավորություն չէ։ Ի միջի այլոց, ես բժիշկ չեմ։ Եթե ցանկանում եք իմանալ, ասեմ, այստեղ գալուց առաջ ես իրավաբան էի։ Այժմ ես խոստովանող դատավոր եմ։

Բայց թույլ տվեք ներկայանալ. Ժան֊Բատիստ Քլամանս, ձեր խոնարհ ծառան։ Ուրախ եմ ձեզ ճանաչելուս համար։ Անկասկած առևտրով եք զբաղվում։ Մոտավորապես։ Գերազանց պատասխան։ Միաժամանակ բազմանշանակալի ու խելամիտ. մենք մոտավորապես ամեն ինչ ենք։ Այժմ թույլ տվեք մի փոքր դեդեկտիվ խաղալ։ Դուք մոտավորապես իմ տարիքին եք, ունեք քառասնամյա մարդու մոտավորապես ամեն ինչ տեսած վստահ աչքեր, մոտավորապես լավ եք հագնված, այսինքն՝ ինչպես հագնվում են մեզ մոտ, և ունեք ողորկ, փափուկ ձեռքեր։ Հետևաբար, մոտավորապես մի բուրժուա եք։ Բայց մի բարեկիրթ բուրժուա։ Ըղձական եղանակի անկատար ժամանակի իմ գործածության առթիվ ձեր ժպիտը ապացուցում է ձեր կրկնակի կրթվածությունը, որովհետև նախ՝ այդ ոճը ծանոթ է ձեզ, և, ապա, դուք դրանից տհաճություն եք զգում։ Ի վերջո, ես ձեզ հաճույք եմ պատճառում, որը, առանց սնափառության, ենթադրել է տալիս ձեր որոշ չափով լայնախոհությունը։ Ուրեմն դուք մոտավորապես... Բայց ի՞նչ կարևոր է։ Մասնագիտությունները ինձ ավելի քիչ են հետաքրքրում, քան կրոնական աղանդները։ Թույլ տվեք ձեզ երկու հարց տալ։ Մի պատասխանեք, եթե գաղտնիք եք համարում։ Հարստություն ունե՞ք։ Որոշ չափո՞վ։ Լավ։ Աղքատներին բաժանո՞ւմ եք։ Ոչ։ Ուրեմն դուք, ինչպես ես եմ անվանում՝ սադուկեցի եք։ Եթե դուք Սուրբ Գիրքը մոտիկից չգիտեք, չեք հասկանա, թե ինչ եմ ասում։ Հասկանո՞ւմ եք։ Նշանակում է՝ մոտիկից գիտեք Սուրբ Գիրքը։ Հետևաբար դուք ինձ կրկնակի եք հետաքրքրում։

Իսկ ես... Դե լավ, ինքներդ դատեցեք։ Այս հասակով, այս ուսերով և այս դեմքով, որի մասին ինձ հաճախ ասել են, թե բիրտ է, ես ավելի շուտ ռեգբի խաղացողի տեսք ունեմ, չէ՞։ Բայց եթե ինձ դատելու լինեն իմ զրույցներով, պետք է ընդունեն, որ որոշ չափով կրթված եմ։ Ուղտը, որ իմ վերարկուին մազեր է տրամադրել, անկասկած քոսոտ է եղել, սակայն իմ եղունգները խնամված են։ Ես բավականաչափ փորձառու եմ, բայց դատելով ձեր արտաքինից, առանց զգուշավորության վստահում եմ ձեզ։ Եվ վերջապես, հակառակ իմ նուրբ ձևերին և գեղեցիկ լեզվին, հաճախում եմ Զեյդակի նավաստիների այս խորտկարանը։ Ուրեմն ավելին մի փնտրեք։ Հարցն այն է, որ ես երկակի մասնագիտություն ունեմ, ինչպես երկակի է մարդկային էակը։ Արդեն ասել եմ, ես խոստովանող դատավոր եմ։ Իմ դեպքում մի հարց պարզ է. ոչ, ոչինչ չունեմ։ Ժամանակին հարուստ էի, բայց ոչ, ոչինչ չեմ բաժանել ուրիշներին։ Դա ի՞նչ է ապացուցում։ Որ ե՞ս էլ սադուկեցի եմ... Օ՛հ, լսո՞ւմ եք նավահանգստի շչակները։ Այս գիշեր Զույդերզեի վրա մառախուղ է լինելու։

Դուք արդեն մեկնո՞ւմ եք։ Ներեցեք ձեզ ուշացնելուս համար։ Ձեր թույլատվությամբ ես եմ վճարելու։ «Մեքսիկո֊սիտիում» դուք իմ հյուրն եք. ես հատկապես ուրախ եղա ձեզ այստեղ ընդունելուս համար։ Վաղը ես անպայման այստեղ կլինեմ, ինչպես նաև հաջորդ երեկոները և երախտապարտ կլինեմ ընդունելով ձեր հրավերը։ Ձեր ճանապարհը... Դե լավ... Եթե առարկություն չունեք, պարզագույն ձևը այն կլինի, որ ուղեկցեմ ձեզ մինչև նավահանգիստ։ Այնտեղից, շրջանցելով հրեական թաղամասը, դուք կհասնեք այն գեղեցիկ պողոտաները, ուր ծաղիկներով և խլացնող նվագով ծանրաբեռնված տրամվայներն են երթևեկում։ Ձեր հյուրանոցը դրանցից մեկի՝ Դամրակ պողոտայի վրա է։ Խնդրում եմ, միայն ձեզանից հետո։ Ես ապրում եմ Հրեական թաղամասում, կամ այդպես էր կոչվում մինչև այն ժամանակը, երբ մեր հիտլերական եղբայրները այնտեղ մի քիչ ազատ տարածություն ստեղծեցին իրենց համար։ Ի՜նչ մաքրագործում։ Յոթանասունհինգ հազար հրեաները տեղափոխվեցին կամ սպանվեցին։ Դա դատարկությամբ փոխարինված մաքրագործում էր։ Ես հիանում եմ դրա իրագործումով, այդ մեթոդական համբերությամբ։ Երբ մարդ բնավորության գիծ չունի, պետք է մեթոդ ունենա։ Այս դեպքում այն հրաշքներ է գործել, ոչ ոք չի կարող ուրանալ։ Եվ ես ապրում եմ պատմության մեջ գործված ամենամեծ ոճիրներից մեկի տեղում։ Գուցե դա է ինձ օգնում հասկանալու գորիլլային և իր անվստահությունը։ Այսպիսով, ես կարող եմ պայքարել իմ բնական հակման դեմ, որն ինձ անդիմադրելիորեն մղում է դեպի համակրանքը։ Երբ մի նոր դեմք եմ տեսնում, իմ մեջ մեկը ահազանգ է հնչեցնում. «Ետ դարձիր։ Վտանգ»։ Նույնիսկ, եթե համակրանքը շատ ուժեղ է, ես զգուշանում եմ։

Գիտե՞ք, որ իմ փոքր գյուղում, պատժիչ գործողություններից մեկի ժամանակ, գերմանացի մի սպա ասպետական կնամեծարությամբ խնդրել է մի ծեր կնոջ, որ բարի լինի որպես պատանդ ձերբակալված իր որդիներից մեկին ընտրել՝ գնդակահարվելու համար։

Ընտրել, պատկերացնո՞ւմ եք։ Այս մե՞կը։ Ոչ, մյուսը։ Եվ դիտել, թե ինչպես տանում են նրան։ Շատ վստահ չլինեք, բայց հավատացեք, պարոն, բոլոր տեսակի անակնկալներ հնարավոր են։ Ես ճանաչել եմ մի մաքուր, բյուրեղյա մարդու, որ բոլորին ամեն ինչում վստահում էր։ Նա պացիֆիստ էր, անարխիստ, որ ամբողջական սիրով սիրում էր ոչ միայն բոլոր մարդկանց, այլև անասուններին։ Մի ընտրյալ հոգի. այո, վստահ եղեք։ Եվ այդպես, Եվրոպայի վերջին կրոնական պատերազմների ժամանակ նա գյուղ էր քաշվել։ Իր տան ճակատին գրել էր. «Որտեղից էլ գալու լինեք, ներս մտեք և բարի գալուստ»։ Ըստ ձեզ ո՞վ պատասխանեց այս գեղեցիկ հրավերին։ Ոստիկանները, որոնք սեփական տան պես ներս մտան և նրա աղիքները դուրս թափեցին։

Օհ, ներեցեք, տիկին։ Սակայն տիկինը ոչինչ չհասկացավ։ Այս ուշ ժամին և հակառակ տեղացող անձրևին, որ օրեր ամբողջ չի դադարում, նայեցեք զբոսնող բոլոր այս մարդկանց։ Բարեբախտաբար գիհօղին կա, միակ լույսը այս խավարում։ Զգո՞ւմ եք ոսկեզօծ, արծաթազօծ լույսը, որ գիհօղին է լցնում ձեր մեջ։ Սիրում եմ քայլել քաղաքի միջով, երեկոյան, գիհօղու ջերմության տակ։ Ամբողջ գիշերներ քայլում եմ, երազում կամ անվերջ խոսում։ Ինչպես այս գիշեր, այո, և վախենում եմ, որ ձեզ մի քիչ կձանձրացնեմ, շնորհակալ եմ, դուք շատ քաղաքավարի եք։ Ես պարզապես շատ եմ լցված։ Հենց որ բերանս բացում եմ, նախադասությունները իրենք իրենց հոսում են։ Մյուս կողմից, այս երկիրը ինձ ներշնչում է։ Սիրում եմ այս ժողովրդին, այս մարդկանց, որոնք խռնվում են մայթերին, տների և ծովի արանքում սեղմված այս փոքր տարածության վրա, շրջապատված մառախուղով սառած ցամաքով և լվացքաջրի նման ծխացող ծովով։ Այս մարդկանց ես սիրում եմ իրենց երկակիության համար։ Նրանք այստեղ են և միաժամանակ ինչ֊որ շատ հեռու մի ուրիշ տեղ։

Այո, իսկապես։ Լսելով նրանց ծանր ոտնաձայները կեղտոտ մայթերի վրա, դիտելով նրանց ծանր քայլերը իրենց խանութների միջով, որոնք լիքն են ոսկեզօծ տառեխներով և մեռած տերևների գույնի գոհարներով, դուք անկասկած համոզված եք, որ նրանք այս երեկո այստեղ են, չէ՞։ Դուք էլ բոլորի նման այս բարի մարդկանց համարում եք թոշակառուների մի խումբ կամ առևտրականներ, որոնք հավիտենական կյանքի հույսով իրենց ոսկիներն են հաշվում, և որոնց կյանքի միակ բանաստեղծությունը խոշոր գլխարկներով ծածկված՝ մարդակազմության դասեր սերտելն է։

Սխալվում եք։ Նրանք մեր մոտով քայլում են, ճիշտ է, բայց նույն ժամանակ, դիտեցեք, որտե՞ղ են նրանց գլուխները։ Նեոնային լույսի, գիհօղու և անանուխի մշուշի մեջ, որ իջնում է կարմիր ու կանաչ ցուցակներից։ Հոլանդիան մի երազ է, պարոն, ոսկու և ծխի երազ, առավել տխուր՝ ցերեկը, առավել ոսկեզօծ՝ գիշերը։ Գիշեր թե ցերեկ այս երազում են ապրում սրանց նման Լոհենգրիններ, որոնք, երազելով իրենց բարձր ղեկերով սև հեծանիվների վրա, շտապ անցնում են. հեծանիվներ չարագուշակ կարապների նման, որոնք անընդհատ պտտվում են ամբողջ երկրում, ծովերի շուրջը, ջրանցքների երկայնքին։ Գլուխները պղնձագույն ամպերի մեջ, նրանք երազում են, շուրջանակի պտտվում, աղոթում, գիշերաշրջիկի նման քայլում են մառախուղի ոսկեզօծ խունկի մեջ։ Ոչ, նրանք այլևս այստեղ չեն, այլ հազարավոր կիլոմետրեր հեռու, գնացել են դեպի Ճավա, դեպի հեռավոր կղզին։ Նրանք աղոթում են Ինդոնեզիայի ծամածռություն անող աստվածներին, որոնցով լցրել են իրենց ցուցափեղկերը, և որոնք, շքեղ, հոյակապ կապիկների նման, այժմ աննպատակ թափառում են մեր վերևում, ցուցանակների և սանդղավոր տանիքների վրա, հիշեցնելու համար հայրենակարոտ գաղթականներին, որ Հոլանդիան միայն առևտրականների Եվրոպան չէ, այլ նաև ծովը, որ տանում է Սիպանգո և այն կղզիները, ուր մարդիկ մահանում են խենթ ու երջանիկ։

Բայց ես ինձ մոռացա և իսկական իրավաբանի նման կողմնապահություն եմ անում, դատ եմ պաշտպանում։ Ներեցեք ինձ։ Սովորությունը, պարոն, ինչպես նաև կոչումս և ցանկությունս են, որ ինձ ստիպում են ձեզ ամբողջությամբ հասկանալի դարձնել այս քաղաքը և իրերի էությունը։ Իսկ մենք արդեն իսկ իրերի էության մեջ ենք։ Նկատե՞լ եք, որ Ամստերդամի համակենտրոն ջրանցքները նման են դժոխքի շրջանակների։ Բուրժուական դժոխքի, որ բնակեցված է վատ երազներով։ Երբ դրսից եք գալիս և անցնում եք այդ շրջանակները, կյանքը և, հետևաբար, նրա ոճիրները ավելի ընդգծված, ավելի մութ են դառնում։ Այստեղ մենք վերջին շրջանակում ենք։ Շրջանակ, որ հատուկ է... Ահ, դուք գիտե՞ք այդ։ Սատանան տանի, ձեզ ո՞ր դասում տեղավորել։ Բայց այդ դեպքում դուք կհասկանաք, թե ինչու կարող եմ ասել, որ իրերի կենտրոնը այստեղ է, թեև մենք գտնվում ենք մայր ցամաքամասի հեռավոր ծայրում։ Զգայուն մարդը կհասկանա այս տարօրինակությունները։ Բոլոր դեպքերում, թերթեր ընթերցողներն ու շնացողները ավելի հեռուն գնալ չեն կարող։ Գալիս են Եվրոպայի բոլոր անկյուններից և կանգ առնում հենց ծովի շուրջը, գունաթափ այս ափին։ Նրանք լսում են շչակների ձայնը, մառախուղի մեջ ապարդյուն փնտրում են նավերի ուրվագծեր, հետո վերադառնում են ջրանցքներով և տուն գնում անձրևի տակ։ Մինչև ոսկորները թրջված՝ նրանք վերադառնում և բոլոր լեզուներով գիհօղի են ուզում «Մեքսիկո֊սիտիում»։ Այստեղ էլ ես սպասում եմ նրանց։

Ուրեմն, ցտեսություն, մինչև վաղը, պարոն և սիրելի հայրենակից։ Ոչ, այժմ դուք ձեր ճանապարհը հեշտությամբ կգտնեք, այս կամրջի մոտ ես բաժանվում եմ ձեզնից։ Ես երբեք գիշերով կամրջով չեմ անցնում։ Երդվել եմ։ Ենթադրենք, որ մեկը իրեն ջուրն է գցում։ Վարվելու երկու ձև կա. կամ հետևում եք նրա օրինակին՝ ազատելու համար, և ցուրտ եղանակին դուք ձեզ ավելի մեծ վտանգի եք ենթարկում, կամ լքում եք նրան և չիրականացված լողը երբեմն ծանր վիշտ է պատճառում։ Բարի գիշեր։ Ինչպե՞ս։ Լուսամուտների հետևի կանա՞յք։ Երազանք, պարոն, էժանագին երազանք՝ ճանապարհորդություն դեպի Հնդկաստան։ Այս կանայք իրենց անուշահոտություններով են պատել։ Դուք կմտնեք, նրանք վարագույրները ցած կիջեցնեն, և նավարկությունը կսկսվի։ Աստվածները կիջնեն մերկ մարմինների վրա, և կղզիները, քամուց խենթացած արմավենու մազերով կշեղվեն ուղուց, կգժվեն։ Փորձեցեք։


  • * *

Ինչ բան է խոստովանող դատավո՞րը։ Տեսնում եմ, որ դուք կարգին հետաքրքվեցիք այս պատմությունով։ Հավատացեք, չէի խորամանկում, պատրաստ եմ ամեն ինչ խոստովանել և ավելի հստակորեն արտահայտվել։ Ինչ֊որ իմաստով դա նույնիսկ իմ պարտականությունների մեջ է մտնում։ Բայց մինչ այդ անհրաժեշտ է որևէ բան պատմել իմ կյանքից և բացատրել մի շարք փաստեր, որոնք ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալու իմ պատմածը։

Մի քանի տարի առաջ ես ապրում էի Փարիզում և, հավատացեք, բավականին հայտնի իրավաբան էի։ Բնական է, որ իմ իսկական անունը չեմ ասել ձեզ։ Ես մասնագիտացել էի ազնիվ դատեր վարելու գործում։ Այլ խոսքով այն անվանում էին, չգիտեմ ինչու, այրիների և որբերի գործեր, որովհետև, ի վերջո, գոյություն ունեն նաև խաբեբա այրիներ և վայրագ որբեր։ Սակայն բավական է, որ մեղադրյալի ամենադույզն չափով իսկ անմեղության հոտն առնեի, թևերս քշտում էի և գործի անցնում։ Եվ ի՜նչ գործ։ Մի իսկական փոթորիկ։ Սիրտս կարծես թևերիս մեջ էր լինում։ Կարելի էր կարծել, որ արդարությունը ամեն գիշեր ինձ հետ էր քնում։ Վստահ եմ, որ ձեզ պիտի հիացներ իմ անկեղծ տոնը, իմ անկեղծ հուզմունքը, իմ վստահությունը և ջերմությունը, իմ պաշտպանական ճառերի տիրական ոճը։ Բնությունը իմ արտաքինին լավ ծառայություն է մատուցել, ազնիվ վերաբերմունքը ինձ մոտ հեշտ է ստացվում։ Ավելին, ինձ ուժ էին տալիս երկու անկեղծ զգացմունքներ. արդարությունը պաշտպանելու գոհունակությունը և դատավորների նկատմամբ ընդհանրապես ունեցած իմ բնազդական արհամարհանքը։ Ճիշտն ասած, այդ արհամարհանքը գուցե այնքան էլ բնազդական չէր։ Այժմ ես գիտեմ, որ այն իր պատճառներն ուներ։ Բայց, արտաքուստ դատելով, դա ավելի շուտ կրքի էր նման։ Չի կարելի ժխտել, որ մեր կյանքում դատավորներ դեռևս անհրաժեշտ են. այդպես չէ՞, թեև չեմ հասկանում, թե ինչպես որևէ մարդ մի այդպիսի զարմանալի զբաղմունք կարող է ընտրել։ Դատավորների գոյության փաստը ընդունում էի, քանի որ տեսնում էի նրանց, բայց ընդունում էի մի քիչ այնպես, ինչպես մորեխների գոյությունը։ Մի տարբերությամբ, որ այդ ուղղաթևների հարձակումը ինձ մի սանտիմի օգուտ չի տվել, մինչդեռ իմ արհամարհած մարդկանց հետ երկխոսելով, ես բավականին լավ էի շահում։

Միևնույն ժամանակ ես ճշմարտությունն էի պաշտպանում, և դա բավական էր իմ խղճի խաղաղության համար։ Օրենքի զգացողությունը, իրավունք ունենալու բավականությունը, ինքն իրեն հարգելու հաճույքը, սիրելի պարոն, ուժեղ հենակներ են առաջ գնալու համար։ Ընդհակառակը, եթե մարդկանց դրանցից զրկեք, նրանց կվերածեք կատաղի շների։ Որքան ոճիրներ են գործվել պարզապես նրա համար, որ նրանց հեղինակները չեն կարողացել ընդունել իրենց սխալված լինելը։ Ժամանակին մի արդյունաբերողի էի ճանաչում, որ կատարյալ, բոլորի հիացմունքին արժանացած կին ուներ, որին սակայն դավաճանում էր։ Այս մարդը տառացիորեն կատաղում էր իր հանցանքի գիտակցությունից և այն անկարողությունից, որ ոչ մեկին, ոչ իսկ ինքն իրեն չէր կարողանում համոզել իր բարի և բարոյական մարդ լինելը։ Որքան ակնհայտ էր դառնում նրա կնոջ անթերիությունն ու անմեղությունը, այնքան նա կատաղում էր։ Անիրավացի լինելը նրա համար ի վերջո անտանելի դարձավ։ Ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ արեց։ Դադարե՞ց կնոջը դավաճանելուց։ Ոչ։ Սպանեց նրան։ Այդ գործով էլ ես առնչվեցի նրան։

Իմ վիճակը ավելի նախանձելի էր։ Ոչ միայն վտանգ չկար, որ հանցագործների խմբին միանայի (ամուսնացած չլինելով՝ կնոջս սպանելու ոչ մի հնար չունեի), այլև պաշտպանում էի նրանց, սակայն մի պայմանով, որ նրանք լինեին ազնիվ մարդասպաններ, ինչպես ուրիշներ լինում էին ազնիվ վայրենիներ։ Նույնիսկ պաշտպանությունը վարելու իմ ձևը ինձ մեծ բավականություն էր պատճառում։ Իմ մասնագիտության մեջ ես իսկապես անգերազանցելի էի։ Կարիք չկա ասելու, որ երբեք կաշառք չեմ ընդունել, ոչ էլ ստորացուցիչ որևէ գործարք կնքել։ Ավելի բացառիկ բան. ես երբեք չհամաձայնեցի սիրաշահել որևէ լրագրողի, որպեսզի իմ մասին նպաստավոր կարծիք ստեղծեմ, ոչ էլ որևէ պաշտոնյայի, որի բարեկամությունը կարող էր օգտակար լինել։ Երկու կամ երեք անգամ նույնիսկ հնարավորություն ունեցա Պատվո Լեգեոնի շքանշան ստանալու, բայց ամեն անգամ կարողացա մերժել այնպիսի արժանապատվությամբ, որ իսկական վարձատրություն եղավ։ Վերջապես, աղքատներից երբևէ վարձ չեմ վերցրել և այդ մասին կտուրներից երբեք չեմ գոռացել։ Չհավատաք, սիրելի պարոն, որ դրանցով ես ինձ գովում եմ, իմ արժանիքը ոչինչ է, ագահությունը, որ մեր հասարակության մեջ փառասիրության է փոխարինում, ինձ միշտ ծիծաղելի է թվացել։ Ես ավելի բարձրին էի ձգտում։ Շուտով դուք կտեսնեք, որ այդ արտահայտությունը այս դեպքում շատ ճիշտ էր եղել։

Բայց ուշադրություն դարձրեք իմ բավականությանը։ Ես վայելում էի իմ հանդեպ եղած բարեսրտությունը, իսկ մենք բոլորս գիտենք, որ հենց դա է երջանկությունը, թեև մենք մեզ հանգստացնելու համար երբեմն ձևացնում ենք, թե իբր դատապարտում ենք այդ թուլությունները՝ դրանք եսասիրություն անվանելով։ Ես առնվազն հաճույք էի ստանում իմ բնավորության այդ գծից, որ այդքան ճշգրտորեն արձագանք էր գտնում այրու և որբի մոտ և որը, ի վերջո, դադարելով մասնավոր վարժություն լինելուց, իշխում էր իմ ամբողջ կյանքի վրա։ Օրինակ, պաշտում էի կույրերին փողոցն անցկացնելու գործը։ Հենց որ հեռվից տեսնում էի մի գավազան, որ տատանվում էր մայթի անկյունում, ես շտապում էի, կանխում մի ուրիշի ողորմած ձեռքը, որ արդեն մեկնվում էր, վերցնում էի կույրին ուրիշի օգնությունից և փափուկ ու ամուր ձեռքով նրան տանում էի հետիոտն քայլողների փակուղուց, երթևեկության նշանների միջով մինչև խաղաղ հանգրվան, ուր մենք բաժանվում էինք իրար հանդեպ շնորհակալության ծայրահեղ զգացումով։ Ես միշտ սիրել եմ նաև փողոցում մարդկանց տեղեկություն տալ, վառել սիգարետներ, օգնել ծանրաբեռնված սայլերին կամ հրել փչացած ավտոմեքենաները, գնել Փրկության բանակի թերթը և կամ ծեր ծաղկավաճառուհուց ծաղիկներ, թեև գիտեի, որ դրանք գողացված էին Մոնպառնասի գերեզմանատնից։ Սիրում էի նաև, ավաղ, սա ավելի դժվար է խոստովանել, սիրում էի ողորմություն տալ։ Իմ բարեկամներից մեկը, մի իսկական քրիստոնյա, խոստովանում էր, որ իր տանը մոտեցող մուրացիկ տեսնելիս առաջին հերթին տհաճության զգացում էր ունենում։ Ես ավելի վատն էի։ Ես հրճվում էի։ Բայց այլևս այդ մասին չխոսենք։ Ավելի լավ է խոսենք իմ բարեկրթության մասին։ Դա նշանավոր էր և միաժամանակ անվիճելի։ Քաղաքավարությունը ինձ մեծ հաճույքներ էր պատճառում։ Եթե բախտ էի ունենում առավոտները ավտոբուսում կամ մետրոյում տեղս զիջել բացահայտորեն արժանի մեկին, վերցնել ինչ֊որ առարկա, որ մի ծեր կին վայր էր գցել, և այն վերադարձնել մի ժպիտով, որը ես շատ լավ էի յուրացրել, կամ պարզապես իմ տաքսին զիջել մի տիկնոջ, որ ինձնից ավելի էր շտապում, ամբողջ օրս դրանով լուսավորվում էր։ Պետք է ասել, որ հրճվում էի նույնիսկ այն օրերին, երբ քաղաքային տրանսպորտի գործադուլի պատճառով հնարավորություն էի ունենում իմ մեքենայով հասնել ավտոբուսի կանգառները և իմ դժբախտ հայրենակիցներից մի քանիսին տուն հասցնել։ Թատրոնում իմ աթոռը զիջում էի, որպեսզի ինձ անծանոթ աղջիկ ու տղա կարողանան իրար մոտ նստել, ճանապարհորդության ժամանակ օգնում էի երիտասարդ կնոջը, նրա ճամպրուկները տեղավորում էի նրա հասակի համար շատ բարձր ցանցի մեջ։ Սրանց նման գործեր ավելի հաճախ եմ արել, քան ուրիշները, որովհետև ավելի մեծ ուշադրություն էի դարձնում, որ նման առիթներ բաց չթողնեմ։ Եվ ինչ մեծ հաճույքներ էի քաղում դրանցից։

Ես առատաձեռն էի համարվում և այդպիսին էլ էի։ Ես շատ եմ տվել հրապարակավ և անձնական կյանքում։ Երբեք ցավ չէի զգում, երբ բաժանվում էի մի առարկայից կամ մի գումարից, այլ ընդհակառակը, դրանից քաղում էի տևական հաճույքներ, այդ թվում նաև մի տեսակ տխրություն, որ երբեմն ծնվում էր այն մտքից, որ այդ նվերները անօգուտ են և գուցե նաև ապերախտություն են ծնում։ Ես այնպիսի հաճույք էի զգում տալուց, որ ատում էի, երբ տալիս էի ստիպված։ Դրամական գործերում ճշգրտությունը ինձ խեղդում էր, և ես այդ անում էի վատ տրամադրությամբ։ Ինձ անհրաժեշտաբար պետք էր, որ իմ առատաձեռնությունների տերը զգայի։

Սրանք փոքր գծեր են, բայց ձեզ հասկանալի կդարձնեն այն հարատև հաճույքները, որ ես գտնում էի իմ կյանքում, մանավանդ իմ մասնագիտության մեջ։ Օրինակ, կանգնեցվել դատարանի միջանցքներում մի դատապարտվածի կնոջ կողմից, որին պաշտպանել էի միայն արդարության համար կամ կարեկցելուց, ուզում եմ ասել՝ ձրիաբար, լսել այդ կնոջ փսփսուքը, թե ոչինչ, ոչ, ոչինչ չի կարող փոխադարձել այն, ինչ արվել էր իրենց համար, պատասխանել, որ այդ բոլորը բնական բաներ են, որ որևէ մեկը նույնը պիտի աներ, առաջարկել նույնիսկ նյութական օգնություն, ապագայի սև օրերը հաղթահարելու համար, հետո, որպեսզի զեղումները կարճ լինեն և պահպանվեն դրանց արձագանքները, համբուրել այդ խեղճ կնոջ ձեռքը և անմիջապես, ժամանակ չտալով, որ բերանը բանա, հեռանալ, անհետանալ, ի՞նչ եք կարծում, սիրելի պարոն, չի՞ նշանակում հասնել ավելիին, քան գռեհիկ փառասիրությունն է, մի՞թե չի նշանակում հասնել ամենաբարձր գագաթին, ուր առաքինությունը ինքն իրենով է սնվում։

Կանգ առնենք այս գագաթների վրա։ Այժմ հասկանո՞ւմ եք, թե ինչ էի ուզում ասել, երբ խոսում էի աչքը ավելի բարձրերը գցելու մասին։ Խոսում էի ճիշտ այս ամենաբարձր կետերի մասին, միակ տեղերը, ուր կարող եմ ապրել։ Այո, ես ինձ հանգիստ եմ զգացել միայն բարձր դիրքերում։ Նույնիսկ կյանքի մանրուքներում ես կարիք ունեմ բարձրում լինելու։ Ավտոբուսը նախընտրում էի մետրոյից, բաց կառքերը՝ տաքսիներից, պատշգամբները՝ նկուղներից։ Որպես մարզական ինքնաթիռների սիրող֊սավառնորդ, ես սիրում էի, երբ մարդ կարող էր գլուխը հանել ու քամուն տալ, նավերում բարձր կամրջակների հավերժական քայլողն էի։ Լեռներում ես փախչում էի սեղմված ձորերից դեպի լայն կիրճերն ու բարձրավանդակները. կարճ ասած, ես բարձունքների բնակիչ էի։ Եթե ճակատագիրը ինձ ստիպեր ընտրել մի արհեստ, խառատի կամ տանիք ծածկող թիթեղագործի, հանգիստ եղեք, ես տանիքները կընտրեի և բարեկամություն կանեի գլխապտույտների հետ։ Նավամբարները, քարայրները, գետնուղիները, անձավները, անդունդները ինձ սարսափեցնում էին։ Ես հատուկ ատելություն ունեի քարայրագիտության հանդեպ, որը համարձակվում էր մեր թերթերի առաջին էջերն զբաղեցնել, այդ գործի մասնագետների գործունեությունը ինձ սարսափեցնում էր։ Ութ հարյուր մետր ցած իջնելու և գլուխը վտանգի ենթարկելու ձգտումը մի ժայռոտ նեղ անցքի մեջ կամ, ինչպես այս խենթերն են անվանում, մի սիֆոնի մեջ, ինձ թվում էր փչացած, կամ հաշմանդամ բնավորության տեր մարդկանց հերոսություն։ Այդ բոլորի մեջ հանցագործություն կար։

Լույսով ողողված մի պատշգամբ դեռևս տեսանելի ծովից հինգ կամ վեց հարյուր մետր բարձրության վրա, ընդհակառակը, այն վայրն էր, ուր ես ավելի լավ էի շնչում, մանավանդ, եթե մենակ էի, մրջյուն֊մարդկանցից շատ բարձր։ Ես շատ լավ հասկանում էի, թե ինչու քարոզները, վճռական կանխագուշակումները, կրոնական գյուտերը կատարվել են հասանելի բարձունքներում։ Ըստ իս՝ քարայրներում կամ բանտախցերում մարդիկ չէին երազում (բացառությամբ, եթե դրանք կառուցված էին լինում ամրոցների մեջ, լայն տեսադաշտի դիմաց), մարդիկ այնտեղ մամռակալում էին։ Եվ հասկանում էի այն մարդուն, որ կրոնավոր օծվելուց հետո հրաժարական էր տվել, որովհետևիր խուցի դուռը փոխանակ մի ընդարձակ դաշտի վրա բացվելու, ինչպես սպասում էր, դիմացը պատ էր ունեցել։ Վստահ եղեք, ինչ ինձ է վերաբերում, ես չէի մամռակալում։ Օրվա բոլոր ժամերին ինքս իմ մեջ և մյուսների միջև՝ ես դեպի բարձունքն էի մագլցում, այնտեղ վառում էի բոլորին տեսանելի կրակներ, և մի ուրախ օրհնություն էր բարձրանում առ ինձ։ Այս ձևով կյանքից և իմ նորին վսեմություն անձից ես առնվազն հաճույք էի ստանում։

Իմ մասնագիտությունը, բարեբախտաբար, բավարարում էր գագաթների իմ ձգտմանը։ Այն ինձնից վերցնում էր ամեն տեսակի դժգոհություն իմ հարևանի նկատմամբ, որին ես պարտավորեցնում էի՝ առանց պարտական լինելու։ Այն ինձ դատավորներից ավելի բարձր էր դնում, որոնց ես ինքս դատում էի, և դատապարտյալից բարձր՝ որին ստիպում էի շնորհակալ լինել։ Լավ կշռեք այս, սիրելի պարոն, ես ապրում էի անպատիժ։ Որևէ դատավճիռ ինձ չէր վերաբերում, ես ոչ թե դատարանի բեմում էի գտնվում, այլ մի ուրիշ տեղ, ամպերի մեջ, այն աստվածների նման, որոնք ժամանակ առ ժամանակ իջնում են ինչ֊որ մեքենայի օգնությամբ, որպեսզի շարժումը կանոնավորեն և իմաստավորեն։ Ի վերջո, բարձրում ապրելը միակ ձևն է, երբ շատերը կարող են նկատել քեզ և ողջունել։

Իմ բարի հանցագործներից մի քանիսը սպանելիս նույն զգացմանն էին հնազանդվել։ Թերթերի ընթերցումը, այն տխուր վիճակը, որի մեջ գտնվում էին, նրանց անկասկած բերում էին մի տեսակ դժբախտ փոխհատուցմանն անհրաժեշտություն։ Ինչպես շատ մարդիկ, անանուն լինելուն այլևս չէին դիմանում, և այս անհամբերությունը կարողանում էր նրանց հասցնել ցավալի ծայրահեղությունների։ Ճանաչված լինելու համար բավական է ի վերջո սպանել դռնապանուհուն։ Դժբախտաբար դա ժամանակավոր հռչակ է, որովհետև այնքան դռնապանուհիներ կան, որոնք արժանի են դանակի և այն ստանում են։ Ոճիրը աշխատում է միշտ մնալ բեմի առաջամասում, բայց ոճրագործները այնտեղ անցողիկ հայտնվում են, որպեսզի անմիջապես փոխարինվեն ուրիշով։ Այս կարճ հաղթանակները ի վերջո շատ թանկ են վճարվում։ Փառքի ձգտող մեր դժբախտ հաճախորդներին պաշտպանելը, ընդհակառակը, ինձ բերում էր իսկական համբավ նույն ժամանակ և նույն վայրերում, բայց ավելի խնայողական միջոցներով։ Այդ քաջալերում էր ինձ նաև ճիգ գործադրել, որպեսզի հնարավորին չափ քիչ վճարեն։ Վրդովմունքը, տաղանդը, հուզումը, որ ես ծախսում էի, ինձնից վերցնում էին պարտքի ամեն զգացում նրանց նկատմամբ։ Դատավորները պատժում էին, դատապարտյալները՝ քավում, իսկ ես՝ ազատ որևէ պարտականությունից, ենթակա չլինելով դատավճռին, եդեմական լույսի մեջ, ազատորեն տիրում էի։

Մի՞թե դա իսկապես կյանքի եդեմը չէր, սիրելի պարոն։ Եթե կյանքը ուղղակի վերցնենք։ Դա իմ կյանքն էր։ Ես երբեք կարիքը չունեցա ապրել սովորելու։ Այս հարցում ես ամեն ինչ գիտեի արդեն ծնվելիս։ Կան մարդիկ, որոնց խնդիրը մարդկանց պատսպարելը կամ առնվազն նրանցով զբաղվելն է։ Ինձ համար կարգադրությունը եղել էր։ Մտերիմ էի, երբ անհրաժեշտ էր, լուռ՝ եթե պետք էր, ազատ և հեշտ ձևեր գործադրելու կարողությամբ, արժանապատվությամբ և լրջությամբ։ Իմ ժողովրդականությունը այնքան մեծ էր, որ իմ հաջողությունները այս աշխարհում այլևս չէի հաշվում։ Իմ արտաքինը վատ չէր ստեղծված, ես անդադրում պարող էի և միևնույն ժամանակ խորագիտակությամբ փայլող, ինձ հաջողվում էր միաժամանակ սիրել կանանց ու արդարությունը, որ այնքան էլ հեշտ չէ մեր ժամանակներում, զբաղվում էի սպորտով և արվեստով, կարճ ասած՝ կանգ եմ առնում, որպեսզի դուք ինձ չկասկածեք ինքնագովության մեջ։ Բայց, խնդրում եմ, պատկերացրեք մի մարդ իր ծաղկուն տարիքի մեջ, կատարյալ առողջությամբ, առատաձեռնորեն օժտված կարողություններով, վարժ ինչպես մարմնական, այնպես էլ մտավոր գործունեության, ոչ աղքատ և ոչ էլ հարուստ, որ լավ է քնում և խորապես գոհ է իրենից, և որը այս ամենը ցույց է տալիս միայն երջանիկ և ընկերական պարզությամբ։ Այս բոլորից հետո մի՞թե իրավունք չունեի համեստաբար խոսելու իմ հաջողված կյանքի մասին։

Այո, քիչ էակներ են ավելի բնական եղել, քան ես։ Իմ հարաբերությունը կյանքի հետ ամբողջական էր, ես ընդունում էի այն, ինչպես նա կար, չմերժելով նրա թերի կողմերը, նրա ծաղրը, տեսնելով նրա մեծությունը, օգտվելով նրա ծառայություններից։ Հատկապես չէի մերժում միսը, նյութը, կարճ ասած՝ ֆիզիկականը, որ այնքան մարդկանց անհանգստացնում կամ հուսահատեցնում է սիրո մեջ կամ մենության պահին՝ ինձ բերում էր, առանց ստրկացնելու, հավասար հաճույքներ։ Ես ստեղծվել էի մի մարմին ունենալու համար։ Այստեղից էլ այդ ներդաշնակությունը իմ մեջ, և թույլ իշխանությունը, որ մարդիկ զգում էին և երբեմն էլ խոստովանում, որ այն իրենց օգնում է ապրել։ Հետևաբար փնտրում էին իմ ընկերությունը։ Հաճախ նրանց թվում էր, որ ինձ արդեն հանդիպել էին։ Կյանքը, մարդիկ և նվերները ինձ ընդառաջ էին գալիս։ Ես այդ պատվերները ընդունում էի մեծահոգի հպարտությամբ։ Իրականում, այդքան լիքը և պարզ մարդ լինելով, ես ինձ մի քիչ գերմարդ էի զգում։

Ես ծնվել եմ պատվավոր, բայց համեստ ընտանիքում (հայրս սպա էր) և, սակայն, որոշ առավոտներ, համեստորեն խոստովանում եմ, ես ինձ արքայազն էի զգում կամ անշեջ մորենի։ Հավատացեք, դա ուրիշ զգացմունք էր, քան բոլորից ավելի խելոք լինելու վստահությունը, որի մեջ ապրում էի. բազմաթիվ հիմարներ նույնը ունենում են։ Ոչ, վարանում եմ խոստովանել, ես ինձ ընտրված, նախասահմանված մարդ էի համարում։ Բոլորի միջից հատկապես ընտրված այս երկար և հարատև հաջողության համար։ Դա նույնպես իմ համեստության արդյունքն էր։ Այս բոլոր հաջողությունները ես մերժում էի վերագրել միայն իմ հատկություններին, ես չէի կարող հավատալ, որ մի մարդու մեջ այդքան տարբեր և ծայրահեղ հատկությունների միասնությունը արդյունք լիներ պարզ պատահականության։ Ահա թե ինչու, երջանիկ ապրելով հանդերձ, ես հավատում էի, որ այդ երջանկությունը ինձ տրվում էր մի գերագույն ուժի հրամանով։ Երբ ձեզ ասում եմ՝ ոչ մի կրոնի չէի հավատում, դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչ տարօրինակ բան կար այս խոստովանության մեջ։ Սովորական կամ ոչ՝ այն ինձ երկար ժամանակ ամենօրյա ընթացքից դուրս է հանել, և ես տարիներ ամբողջ տառացիորեն գեղեցիկ ծրագրեր եմ կազմել և որոնց համար, ճիշտն ասած, մինչև այժմ սրտանց ափսոսում եմ։ Ես ծրագրեր եմ կազմել մինչև այն երեկոն, երբ... Բայց ոչ, դա մի ուրիշ պատմություն է, որը պետք է մոռանալ։ Հետո, գուցե և չափազանցում եմ։ Ամեն ինչում ես հանգիստ էի զգում, ճիշտ է, բայց նույն ժամանակ ոչ մի բանից չէի բավարարվում։ Յուրաքանչյուր հաճույք ինձ մղում էր դեպի մի ուրիշը։ Ես մի տոնակատարությունից մի ուրիշին էի գնում։ Պատահում էր, որ ամբողջ գիշերները պարում էի և մարդկանց ու կյանքի նկատմամբ ավելի կրքոտ դառնում։ Երբեմն, ուշ գիշերին, երբ պարը, թեթև հարբածությունը, իմ շղթայազերծումը, ներկաների բուռն ինքնամոռացումը ինձ գցում էր մի հափշտակության մեջ, երբ հոգնած ու մինչև ափը լցված էի զգում, հոգնության գագաթնակետին, ակնթարթի ընթացքում ինձ թվում էր, որ ի վերջո կհասկանամ էակների ու աշխարհի գաղտնիքը։ Բայց հաջորդ օրը հոգնությունս անհետանում էր, և նրա հետ էլ գաղտնիքը, ես նորից էի խոյանում նրա հետևից։ Այսպես ես վազում էի, միշտ լեցուն, երբեք բավարարված, առանց իմանալու՝ որտեղ պետք է կանգ առնել, մինչև այն օրը, ավելի շուտ մինչև այն երեկոն, երբ նվագը դադարեց, լույսերը մարեցին։ Այն տոնակատարությունը, ուր ես երջանիկ էի... Բայց թույլ տվեք կանչեմ մեր բարեկամ նախագահին։ Գլխով շնորհակալություն հայտնեցեք և մանավանդ խմեցեք ինձ հետ, ես ձեր համակրանքի կարիքն ունեմ։

Տեսնում եմ, որ այս հայտարարությունը ձեզ զարմացնում է։ Երբեք հանկարծակիորեն համակրանքի, օգնության կամ բարեկամության կարիք չե՞ք ունեցել։ Այո, անշուշտ։ Ես, ես սովորեցի բավարարվել համակրանքով։ Դա գտնելը ավելի հեշտ է, որովհետև ոչնչի չի պարտավորեցնում։ «Հավատացեք իմ համակրանքին» բարձրաձայն ասված խոսքին անմիջապես հաջորդում է «Իսկ այժմ ուրիշ գործով զբաղվենք» մտքում ասված անլսելի խոսքը։ Սա դատական խորհրդի նախագահի զգացում է, որը, աղետից հետո, այնքան էլ դժվար չէ ձեռք բերելը։ Բարեկամությունը ավելի պարզ է։ Երկար ու ծանր ժամանակ է պետք ստանալու համար, բայց երբ ունենում ես, այլևս դրանից գլուխդ ազատել չես կարող, պետք է դիմանաս։ Չկարծեք, թե ձեր բարեկամները ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք, դուրս գալու տրամադրություն չունե՞ք։ Բայց՝ ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն օրը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է։ Ավելի շուտ նրանք ձեզ կմղեն ինքնասպանության, թելադրելով, որ դա միակ ելքն է ձեր դրության մեջ։ Աստված տա, սիրելի պարոն, որ մեր բարեկամներից ավելի բարձր լինենք։ Գալով նրանց, ում պաշտոնն է մեզ սիրել, ուզում եմ ասել՝ ծնողները, ազգականները, արյունակիցները (ինչ բացատրություն) , դա ուրիշ երգ է։ Նրանք գիտեն ճիշտ բառը, բայց դա հենց այն բառն է, որ կրակոց է ենթադրում. նրանք զանգահարում են, ինչպես կրակում են հրացանից, և ճիշտ են նշան բռնում։ Ահ, հուդաներ։

Ինչպե՞ս։ Ո՞ր երեկոն։ Ես դրան կհասնեմ, ինձ հետ գործ ունենալիս համբերատար պետք է լինել։ Ինչ֊որ չափով ես արդեն այդ էի պատմում բարեկամների ու ազգականների մասին խոսելիս։ Ինձ պատմել են մի մարդու մասին, որի բարեկամը բանտարկված էր. այդ մարդը ամեն գիշեր քնում էր իր սենյակի հատակին, որպեսզի չօգտվի այն հարմարավետությունից, որից զրկված էր իր սիրած անձը։ Ո՞վ, սիրելի պարոն, ո՞վ հատակին պիտի քնի մեզ համար։ Ես ինքս ընդունա՞կ եմ դրան։ Այո, կուզենայի լինել, մի օր կլինեմ։ Ճիշտ է, մի օր բոլորս էլ ընդունակ կդառնանք, և դա էլ մեր փրկությունը կլինի։ Բայց դա հեշտ չէ, որովհետև բարեկամությունը անուշադիր է կամ, առնվազն, անկարող։ Այն, ինչ ցանկանում է, չի կարողանում։ Գուցե ի վերջո բավարար չափո՞վ չի ցանկանում։ Գուցե բավարար չափով չե՞նք սիրում կյանքը։ Նկատե՞լ եք, մահը միայն արթնացնում է մեր զգացմունքները։ Որքա՜ն ենք սիրում մեր հենց նոր մեկնած բարեկամներին, այնպես չէ՞։ Ինչպես ենք հիանում մեր այն ուսուցիչներով, որոնք, բերանները հողով լցված, այլևս չեն խոսում։ Այդ ժամանակ հարգանքը տրվում է շատ բնականորեն, այն հարգանքը, որին գուցե մեզնից սպասել են ամբողջ կյանքում։ Բայց գիտե՞ք ինչու ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ։ Պատճառը պարզ է։ Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք։ Նրանք մեզ ազատ են թողնում, կարող են երկար սպասել։ Մենք կարող ենք չշտապել, մեր պատիվը դնել կոկտեյլի և սիրուհու միջև վերջին հաշվով կորած ժամանակի ընթացքում։ Եթե նրանք որևէ բանով մեզ պարտավորեցնում են, այդ էլ հիշողությունն է, իսկ մենք կարճ հիշողություն ունենք։ Ոչ, մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած, մենք մեզ ենք սիրում։

Ես մի բարեկամ ունեի, որից հաճախ խուսափում էի։ Նա մի քիչ ձանձրացնում էր և, հետո, սիրում էր բարոյախոսել։ Բայց մահամերձ վիճակում ինձ կանչեց, հավատացեք։ Ես ոչ մի օր չբացակայեցի։ Նա մահացավ ինձնից գոհ, ձեռքերս սեղմելով։ Մի ուրիշը, այս դեպքում՝ կին, որ ժամանակին ինձ ապարդյուն կերպով հալածում էր, շուտ մեռնելու խելացիությունը ունեցավ։ Եվ անմիջապես ի՜նչ տեղ գրավեց սրտումս։ Իսկ որքան հրաշալի է ինքնասպանությունը։ Աստված իմ, ի՜նչ հրաշալի իրարանցում։ Հեռախոսը զանգում է, սիրտդ պայթում, և՝ գիտակցորեն ընտրված կարճ, բայց տողատակով ասված նախադասություններ, որոնց մեջ կա վշտի տիրապետում և նույնիսկ, այո, մի քիչ էլ ինքնադատապարտում։

Մարդը այսպես է, սիրելի պարոն, երկու երես ունի, չի կարող սիրել առանց ինքն իրեն սիրելու։ Դիտեցեք ձեր հարևաններին, եթե պատահաբար շենքում մարդ է մահացել։ Իրենց փոքրիկ կյանքերից գոհ՝ նրանք քնում էին, և, ահա, օրինակի համար, դռնապանը մեռնում է։ Անմիջապես արթնանում են, կայտառանում, իրարից տեղեկություններ են ստանում, իրար կարեկցում են։ Դիակը դեռ չի հանված, բայց ներկայացումը սկսված է։ Նրանք ողբերգության կարիք ունեն, ի՞նչ եք ուզում, դա նրանց փոքրիկ գերակայության արտահայտությունն է, նրանց ապերատիվը։ Կարծում եք պատահաբա՞ր եմ դռնապանի մասին խոսում։ Ես մեկն ունեի, բոլորի հարգանքը կորցրած մեկը, չոր, աննշան և ոխակալ մի հրեշ, որ կարող էր հուսահատեցնել նույնիսկ ֆրանցիսկյան մի կրոնավորի։ Ես նրա հետ չէի էլ խոսում, բայց իր գոյությամբ իսկ խանգարում էր գոհունակության իմ զգացողությունը։ Մահացավ, և ես գնացի նրա թաղմանը։

Արարողությանը նախորդող երկու օրերը հետաքրքրությամբ լեցուն եղան։ Դռնապանի կինը հիվանդացավ. նա պառկած էր իրենց միակ սենյակում, իսկ դագաղը դրված էր նրա մահճակալի կողքին։ Յուրաքանչյուրս մեր նամակները սկսեցինք մեր ձեռքով վերցնել։ Դուռը բացում էինք, ասում՝ բարի լույս, տիկին,— լսում էինք գովասանքի խոսքեր մեկնողի մասին, որին դռնապանուհին ձեռքով ցույց էր տալիս, ևնամակները տանում էինք։ Դրա մեջ ոչ մի զվարճալի բան չկար, այդպես չէ՞։ Սակայն ամբողջ տունը անցավ այդ սենյակով, որ ֆենոլ էր հոտում։ Վարձակալները իրենց սպասուհիներին չէին ուղարկում, իրենք էին գալիս օգտվելու անսպասելի հաջողությունից։ Սպասուհիները նույնպես հետևում էին նրանց օրինակին։ Թաղման օրը դագաղը շատ մեծ եկավ սենյակի դռան համար.— օհ, սիրելիս,— իր անկողնից ասում էր դռնապանուհին զգացմունքով, որ նույն պահին հիացական էր և վշտալի,— ինչքան խոշոր էր նա։— Մի անհանգստացեք, տիկին,— պատասխանեց թաղումը կազմակերպողը,— ոտի վրա կանցկացնենք։ Ոտքի վրա անցկացրին, հետո պառկեցրին, և ես միակն էի (կաբարեի մի դռնապանի հետ. հետո իմացա, որ ամեն երեկո հանգուցյալի հետ նրանք միասին են խմել իրենց պերնոն) մինչև գերեզման գնացողը և ծաղիկներ դնողը դագաղի վրա, որի շքեղությունը ինձ զարմացրեց։ Հետո այցելեցի դռնապանուհուն, որպեսզի ստանամ նրա ողբերգական շնորհակալությունները։ Ինչ իմաստ ունեն այս բոլորը, ասացեք ինձ։ Ոչ մի, բացի ապերատիվ լինելուց։

Ես թաղեցի նաև իրավաբանների միությունից մի ծեր պաշտոնակցի։ Բավական արհամարհված մի պաշտոնյա էր նա, որի ձեռքը ամեն օր սեղմում էի։ Իմ աշխատանքի վայրում ես բոլորի ձեռքն էլ համենայն դեպս սեղմում էի, և հաճախ մեկի փոխարեն երկու անգամ։ Այս մտերիմ պարզությունը, քիչ ծախսով, ինձ բերում էր բոլորի համակրանքը, որ պետք էր իմ առաջխաղացման համար։ Դատարանի նախագահը իրեն նեղություն չտվեց ներկա լինելու մեր աշխատակցի թաղմանը։ Բայց ես գնացի, հակառակ, որ պատրաստվում էի հաջորդ օրը ճամփորդել, և դրանով իսկ իմ արարքը ավելի ընդգծվեց։ Իրականում ես գիտեի, որ իմ ներկայությունը պիտի նշմարվեր նպաստավոր մեկնաբանությամբ։ Հետևաբար, հասկանում եք, նույնիսկ այդօր տեղացող ձյունը ինձ հետ չկանգնեցրեց։

Ինչպե՞ս։ Հասնում եմ, մի վախեցեք, դրանից բոլորովին չեմ հեռանում։ Բայց թույլ տվեք ձեզ մատնանշել, որ իմ դռնապանի կինը, որ իրեն նյութապես կործանել էր գերեզմանի վրա խաչ սարքել տալով, լավ շղթա դնել տալու և արծաթե ձեռքեր պատվիրելու համար, որպեսզի ավելի վայելեր իր հուզումը, մի ամիս հետո կապվեց լավ ձայն ունեցող մի պճնամոլի հետ։ Նա դռնապանուհուն ծեծում էր, նրանց տնից սարսափելի ձայներ էին լսվում, և անմիջապես հետո նորեկը բացում էր լուցամուտը և արձակում իր նախասիրած սիրերգը. «Կանայք, որքան գեղեցիկ եք»։ «Եվ հակառակ դրան»,— ասում էին հարևանները։ Հակառակ դրան ի՞նչ, հարցնում եմ ձեզ։ Լավ, բոլոր երևույթները այս բարիտոնին դեմ էին. այդ թվում նաև դռնապանուհու կարծիքը։ Բայց այդ բոլորը չէին ապացուցում նաև, որ նրանք իրար չէին սիրում։ Ոչինչ չէր ապացուցում նաև, որ դռնապանուհին իր ամուսնուն չէր սիրել։ Հետևաբար էլ, երբ պճնամոլը թևերն ու ձայնը հոգնեցնելուց հետո մեկնեց, հավատարիմ կինը վերսկսեց ողորմած հոգու գովքը անել։ Բայց ի վերջո, ես ճանաչում եմ ուրիշների, որոնց տեսքը ի նպաստ իրենց է, բայց որոնք ավելի լուրջ և ավելի կայուն չեն։ Ես ճանաչում եմ մի մարդու, որ իր կյանքի քսան տարին տվեց մի թեթևամիտ կնոջ, որի համար զոհաբերեց իր բարեկամներին, աշխատանքը, նույնիսկ իր արժանապատվությունը և մի օր հայտնաբերեց, որ երբեք չի սիրել նրան։ Ձանձրանում էր, ահա ամենը, ձանձրանում էր, ինչպես մարդկանց մեծամասնությունը։ Ուրեմն նա ստեղծել էր բարդություններով լեցուն դրամատիկ մի կյանք։ Պետք է ինչ֊որ մի բան պատահի. ահա մարդկային հարաբերությունների մեծամասնության բացատրությունը։ Պետք է մի բան լինի, նույնիսկ ստրկություն առանց սիրո, նույնիսկ պատերազմ կամ մահ։ Ուրեմն, կեցցեն թաղումները։

Ես նույնիսկ այդ արդարացումը չունեի։ Ես չէի ձանձրանում, որովհետև տխրում էի։ Այն գիշերը, ոքքի մասին խոսում եմ, կարող եմ ասել, որ ավելի քիչ էի ձանձրանում, քան երբևէ։ Ոչ, իսկապես չէի ցանկանում, որ որևէ բան պատահեր։ Եվ սակայն... լսեցեք, սիրելի պարոն, աշնանային մի գեղեցիկ երեկո էր, դեռևս գաղջ քաղաքում, արդեն խոնավ՝ Սենայի ափին։ Գիշերը վրա էր հասնում, արևմուտքում երկինքը դեռևս պայծառ էր, բայց մթագնում էր, լամպերը թույլ փայլում էին։ Ես բարձրանում էի ձախ ափով դեպի Արվեստների կամուրջը։ Հնագրավաճառների փակ կրպակների արանքից երևում էր փայլող գետը։ Քարափի վրա քիչ մարդ կար. Փարիզը արդեն ընթրում էր։ Քայլում էի կոխոտելով դեղին և փոշոտ տերևները, որոնք դեռ ամառ էին հիշեցնում։ Երկինքը քիչ առ քիչ աստղերով էր լցվում, որոնք խուսափուկ երևում էին մի լամպասյունից մյուսին մոտենալիս։ Վայելում էի վերադարձած լռությունը, երեկոյի քաղցրությունը, դատարկ Փարիզը։ Ես գոհ էի։ Հաջողակ օր էր եղել. հանդիպել էի մի կույրի, մեղմ դատավճռի հույս կար, հաճախորդի ջերմ ձեռքսեղմում էր եղել, մի քանի մեծահոգի արարքներ էի արել և կեսօրից հետո հանպատրաստից մի փայլուն ելույթ էի ունեցել մի քանի բարեկամների առաջ՝ տիրող դասակարգի սրտի կարծրության և ընտրանիի երկերեսանիության մասին։

Բարձրացել էի Արվեստների կամուրջ, ուր այդ պահին մարդ չկար, դիտելու համար գետը, որ հազիվ էր նշմարվում արդեն վրա հասած մթության պատճառով։ Դեմքս դեպի Վեր֊Գալանը, ես իշխում էի կղզուն։ Զգում էի իմ մեջ բարձրացող ուժի և մեծության մի հզոր զգացում և, ինչպես ասեմ ձեզ, մի տեսակ կատարելություն, որ ուռցնում էր սիրտս։ Ուղղվելով՝ ուզում էի մի սիգարետ վառել, գոհունակության սիգարետը, երբ նույն պահին իմ ետևում մի ծիծաղ պայթեց։ Անակնկալի եկած՝ հանկարծակի շուռ եկա. ոչ ոք չկար։ Գնացի մինչև կամրջի բազրիքները. ոչ մի առագաստանավ և ոչ մի նավակ։ Վերադառնում եմ դեպի կղզին և նորից լսում ծիծաղը իմ ետևում, մի քիչ հեռու, կարծես գետով իջնելիս լիներ։ Կանգնեցի այնտեղ անշարժ։ Ծիծաղը ցած էր իջնում, բայց դեռևս հստակորեն լսվում էր իմ ետևից, այն կարող էր միայն ջրից գալ։ Նույն ժամանակ զգում էի իմ սրտի ուժգին խփոցը։ Ինձ լավ լսեք, ծիծաղը խորհրդավոր ոչ մի բան չուներ, դա շատ լավ, բնական, համարյա բարեկամական ծիծաղ էր, որ ամեն ինչ իր տեղն էր դնում։ Քիչ հետո այլևս ոչինչ չլսեցի։ Վերադարձա քարափ, մտա Դոֆինի փողոցը, սիգարետ գնեցի, որի կարիքը բոլորովին չէի զգում։ Ապշել էի և վատ էի շնչում։ Այդ գիշեր կանչեցի մի բարեկամի, բայց նա տանը չէր։ Տատանվում էի դուրս գալ, երբ հանկարծ լուսամուտիս տակ ծիծաղ լսեցի։ Բացեցի։ Մայթի վրա, իսկապես, երիտասարդներ կային, որոնք ուրախ բաժանվում էին իրարից։ Ուսերս վեր բարձրացնելով փակեցի լուսամուտները։ Ձեռքիս ուսումնասիրելու գործ ունեի։ Գնացի լողարան մի բաժակ ջուր խմելու։ Հայելու մեջ ժպտում էր իմ պատկերը, բայց ինձ թվաց, որ իմ ժպիտը երկակի էր...

Ինչպե՞ս, ներեցեք, ուրիշ բանի մասին էի մտածում։ Ես ձեզ վաղը անկասկած կտեսնեմ։ Վաղը, այո, պայմանավորվեցինք։ Ո՛չ, ո՛չ, մնալ չեմ կարող։ Բացի այդ, խորհրդակցության եմ հրավիրված այն գորշ արջի կողմից, որին տեսնում եք։ Պատվավոր մի մարդ, հավանաբար, որին ոստիկանությունը հալածում է պարզապես անբարյացկամությունից։ Դուք կարծում եք, որ նա մարդասպանի գլո՞ւխ ունի։ Վստահ եղեք, որ նրա գործերը իր տեսքին համապատասխանում են։ Նա կողոպտիչ է, և դուք պիտի զարմանաք, որ այս քարայրների մարդը մասնագիտացած է նաև գեղարվեստական նկարների առուծախով։ ճոլանդիայում ամեն մարդ մասնագետ է յուղանկարի և վարդակակաչի։ Այս մեկը, իր համեստ տեսքով, հեղինակ է յուղանկարի ամենանշանավոր գողությունների։ Ո՞ր մեկը։ Գուցե կասեմ ձեզ։ Մի զարմացեք իմ գիտելիքներից։ Թեև ես խոստովանեցնող֊դատավոր եմ, բայց ես ունեմ նաև իմ Էնգրի ջութակը, այս լավ մարդկանց դատական խորհրդատուն եմ։ Ես ուսումնասիրել եմ այս երկրի օրենքները և հաճախորդների մեծ ցանց ունեմ այս թաղամասում, որտեղ վկայական չեն պահանջում։ Հեշտ չէր, բայց վստահություն եմ ներշնչում, այդպես չէ՞։ Ես անկեղծ ու գեղեցիկ ժպիտ ունեմ, իմ ձեռքսեղմումը պինդ է, դրանք իմ առավելություններն են։ Հետո, ես կարգավորել եմ մի քանի դժվար գործեր, սկզբում դրանցով զբաղվել եմ շահի համար, ապա՝ հավատալով։ Եթե բախտախաղի տների տերերն ու գողերը միշտ ու ամեն տեղ դատապարտվեն, բոլոր պատվավոր մարդիկ միշտ իրենց անմեղ պիտի կարծեին, սիրելի պարոն։ Եվ, ըստ իս, արդեն հասնում եմ գործի էությանը, և դա ոչ մի դեպքում պետք չէ թույլ տալ։ Այլապես շատ ծիծաղելի բան է լինելու։


  • * *

Իսկապես, սիրելի հայրենակից, ձեր հետաքրքրության համար շատ եմ շնորհակալ, թեև իմ պատմությունը արտակարգ ոչինչ չունի։ Եթե այդքան պնդում եք, իմացեք, որ ես մի քիչ, մի քանի օր մտածեցի այդ ծիծաղի մասին, հետո մոռացա այն։ Հեռվից հեռու կարծես այն լսում էի իմ ներսում, ինչ֊որ տեղ։ Բայց ընդհանրապես, առանց ճիգ գործ դնելու, ես ուրիշ բաների մասին էի մտածում։

Սակայն պետք է ընդունեմ, որ այլևս իմ ոտքը Փարիզի գետափնյա փողոցները չդրեցի։ Երբ ավտոյով կամ ավտոբուսով կամուրջ էի անցնում, իմ մեջ մի տեսակ լռություն էր տիրում։ Կարծես լսում էի։ Բայց հասնում էի Սենայի մյուս ափը՝ ոչինչ չէր պատահում, և ես թե թևացած շունչ էի քաշում։ Այդ շրջանում ֆիզիկապես մի քիչ վատ էի զգում։ Առանձնապես հիվանդ չէի, կարծես մի տեսակ ուժերի անկում ունեի, մի տեսակ դժվարություն իմ լավ տրամադրությունը վերագտնելու։ Բժիշկների մոտ գնացի, որոնք տրամադրությունը բարձրացնող դեղեր տվեցին։ Ես «բարձրանում» էի, հետո նորից էի իջնում։ Կյանքը ինձ համար դառնում էր նվազ հեշտ. երբ մարմինը տխուր է, սիրտը հյուծվում է։ Ինձ թվում էր, որ մասամբ հետ էի սովորում, ինչ երբեք չէի սովորել և որը, սակայն, շատ լավ գիտեի, այսինքն՝ ապրելը, այո, կարծում եմ, որ հենց այն ժամանակ էր, որ ամեն ինչ սկսվեց։

Բայց այս երեկո էլ ես ինձ լավ ձևի մեջ չեմ զգում։ Նախադասություններս դժվարությամբ եմ կազմում, ինձ թվում է նույնիսկ, որ նվազ լավ եմ խոսում, և իմ խոսքը նվազ վստահ է հնչում։ Անշուշտ, եղանակից է։ Վատ եմ շնչում, օդը այնքան ծանր է, որ կուրծքս ճնշում է: Որևէ անհարմարություն կտեսնեի՞ք, սիրելի հայրենակից, եթե դուրս գայինք և քայլեինք քաղաքի փողոցներով։ Շնորհակալություն։

Որքան գեղեցիկ են ջրանցքները երեկոյան։ Սիրում եմ բորբոսնած ջրերի շունչը, ջրանցքի մեջ թրջված մեռած տերևների և մեռելային այն հոտը, որ բարձրանում է ծաղիկներով լեցուն մակույկներից։ Ոչ, ոչ, դա բնավ հիվանդագին ճաշակի նշան չէ, հավատացեք։ Ընդհակառակը, ինձ մոտ դա կանխամտածված բան է։ Իրականությունն այն է, որ ինձ ստիպում եմ հիանալ ջրանցքներով։ Աշխարհում ամենից շատ ես Սիցիլիան եմ սիրում, այն էլ Էթնայի գագաթից, լույսի տակ, այն պայմանով, որ տիրեմ ծովին և կղզուն։ Սիրում եմ նաև Ճավան, բայց հողմերի ժամանակ։ Այո, երիտասարդ ժամանակս գնացել եմ։ Ընդհանուր առմամբ բոլոր կղզիները սիրում եմ։ Այնտեղ ավելի հեշտ է տիրելը։

Հրաշալի տուն է, այնպես չէ՞։ Այդ երկու գլուխները, որ տեսնում եք, նեգր ստրուկների գլուխներ են։ Ցուցանակ է։ Տունը պատկանել է մի ստրկավաճառի։ Օհ, այդ ժամանակներում նրանք իրենց խաղը գաղտնի չէին պահում։ Նրանք ուժեղ էին. ահավասիկ, ես փողոցի վրա սեփական տուն ունեմ, ստրուկներ եմ բերում, սև միս եմ ծախում։ Պատկերացնում եք, որ որևէ մեկը այսօր հրապարակայնորեն հայտարարի, թե ինչով է զբաղվում։ Ի՜նչ խայտառակություն. լսում եմ իմ փարիզյան պաշտոնակիցների ձայնը։ Այդ հարցում նրանք անուղղելի են, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի և մի քանի, գուցե և ավելի բողոքի կոչ կարձակեն, ծանր ու թեթև անելուց հետո ես նույնպես իմ ստորագրությունը կավելացնեմ բողոքագրի տակ։ Ստրկությո՞ւն. ամոթ, ոչ, ոչ, մենք դեմ ենք։ Իսկ այն, որ մենք ստիպված ենք նույն ստրկությունը հաստատել մեզ մոտ, ասենք գործարաններում, դա գործերի ընդհանուր կարգի մեջ է մտնում, բայց դրանով հպարտանալն արդեն ավելորդ է։

Ես շատ լավ գիտեմ, որ հնարավոր չէ չիշխել կամ չսպասարկվել։ Յուրաքանչյուր մարդ մաքուր օդի պես կարիք ունի ստրուկի։ Հրամայել, նշանակում է շնչել, դուք այդ կարծիքի՞ն եք։ Նույնիսկ ամենաաղքատները կարող են շնչել։ Սոցիալական սանդուղքի ամենացածր սանդղամատի վրա կանգնածն անգամ իր կինը կամ զավակն ունի։ Եթե մենակյաց է՝ մի շուն ունի։ Կարևորը, ի վերջո, բարկանալ կարենալն է, առանց դիմացինի պատասխանելու իրավունքի։ «Հորը չեն պատասխանի» ձևակերպումը գիտեք, չէ՞։ Որոշ իմաստով դա շատ եզակի է։ Ո՞ւմ պիտի պատասխանես այս աշխարհում, եթե ոչ նրան, ում սիրում ես։ Ուրիշ իմաստով դա համոզիչ է։ Պետք է որ մեկը վերջին խոսքը ունենա։ Եթե ոչ, յուրաքանչյուր տրամաբանության կարող է հակառակվել մեկ ուրիշը, և վերջը չես գտնի։ Իշխանությունը, ընդհակառակը, ամեն ինչի վերջ է տալիս։ Մենք երկար ժամանակ ենք վատնել այս ճշմարտությանը հասնելու համար, բայց այս մեկը հասկացել ենք։ Օրինակ, դուք պետք է նկատած լինեք, թե մեր ծեր Եվրոպան ի վերջո լավ ձևով է փիլիսոփայում։ Այլևս չենք ասում, ինչպես ավելի միամիտ ժամանակ ասում էինք. «Ես այսպես եմ կարծում։ Ձեր առարկություններն ի՞նչ են»։ Այժմ մենք ավելի հստակատես ենք դարձել։ Մենք երկխոսությունը փոխարինել ենք հաղորդագրությամբ։ «Այս է ճշմարտությունը, ասում ենք մենք։ Դուք կարող եք վիճել այդ մասին, դա մեզ չի հետաքրքրում։ Բայց մի քանի տարի հետո կգա ոստիկանը և ձեզ ցույց կտա, որ իրավունք ունեցողը ես եմ»։ Ահ, սիրելի մոլորակ։ Այստեղ այժմ ամեն ինչ պարզ է։ Մենք մեզ ճանաչում ենք, գիտենք, թե ինչի ենք ընդունակ։ Վերցրեք ինձ, որպեսզի օրինակը փոխած լինենք, բայց ոչ բովանդակությունը — ես միշտ ուզեցել եմ, որ ինձ ժպտալով սպասարկեն։ Եթե աղախինս տխուր դեմք էր ունենում, իմ օրերը թունավորվում էին։ Նա, անշուշտ, իրավունք ուներ ուրախ չլինելու։ Բայց վստահ եմ, որ իր համար էլ ավելի լավ կլիներ իր պարտականությունը կատարել ժպիտով, քան լաց լինելով։ Դա առնվազն ինձ համար ավելի լավ էր։ Գիտեմ, որ նման տրամաբանությունը, եթե ինձ պատիվ չէր բերում, ամբողջապես էլ հիմար չէր։ Նույն պատճառով միշտ հրաժարվել եմ չինական ճաշարանում ճաշելուց։ Ինչո՞ւ։ Որովհետև ասիացիները լուռ նայում են սպիտակներին և միշտ արհամարհող տեսք ունեն։ Բնականաբար այդ տեսքը նրանք պահպանում են սպասարկելիս։ Այդ ժամանակ ինչպե՞ս վայելել տապակած հավը. մանավանդ նրանց նայելիս ինչպե՞ս կարող եք մտածել, որ իրավացի եք։

Մեր մեջ ասած, ուրեմն, ստրկությունը, նախընտրաբար ժպտացող ստրկությունը, անխուսափելի է։ Բայց այն մենք չպետք է բարձրաձայն ընդունենք։ Ով չի կարող հրաժարվել ստրուկ ունենալուց, ավելի խելոք կլինի, եթե նրանց ազատ մարդիկ անվանի։ Նախ որպես սկզբունք, և, հետո, որպեսզի այդ մարդկանց չհուսահատեցնենք։ Նրանց պարտավոր ենք այդ փոխհատուցումը տալ, այդպես չէ՞։ Այս ձևով նրանք կշարունակեն ժպտալ, և մենք կպահպանենք մեր հոգու հանգստությունը։ Առանց դրան մենք պարտավոր կլինեինք վերանայել մեր կարծիքը մեր մասին, վշտից կխենթանայինք և կամ համեստ կդառնայինք. երկուսն էլ սարսափելի են։ Ուրեմն՝ առանց ցուցանակների, կորչե՛ն ամոթալի ցուցանակները։ Մյուս կողմից, եթե բոլոր մարդիկ բացվեին, ասեին իրենց իսկական արհեստը, իրենց ինքնությունը, այլևս չէինք իմանա, թե որ կողմը պետք է շուռ գալ։ Պատկերացրեք այցետոմսերը. Դյուբոն — վախկոտ փիլիսոփա, կամ քրիստոնյա֊կալվածատեր, կամ շնացող֊հումանիստ. կարելի է ընտրել։ Բայց դա դժոխք կլիներ։ Այո, պետք է, որ դժոխքը այդպիսին լինի. ցուցանակներով փողոցներ և ուղղելու ոչ մի միջոց։ Մեկընդմիշտ դասակարգված ես։ Դուք, օրինակի համար, սիրելի հայրենակից, մտածո՞ւմ եք, թե ինչ է լինելու ձեր ցուցանակը։ Լռո՞ւմ եք։ Ոչինչ, հետագայում կպատասխանեք։ Իսկ իմը, համենայն դեպս, գիտեմ, երկերեսանի մի դեմք, մի գրավիչ Յանուս, և վրան՝ իմ տան դևիզը. «Մի վստահեք»։ Իմ այցետոմսի վրա գրված կլինի. «Ժան֊Բատիստ Քլամանս, ծաղրածու»։ Լսեցեք. հայտնի գիշերից փոքր անց մի բան հայտնաբերեցի։ Երբ մայթի վրա բաժանվում էի մի կույրից, որին օգնել և հասցրել էի այդտեղ, խոնարհվելով նրան բարևեցի։ Գլխարկ հանելու այդ շարժումը իսկապես նրան չէր ուղղված, նա այն տեսնել չէր կարող։ Ուրեմն ո՞ւմ էր ուղղված։ Հասարակությանը։ Դերակատարումից հետո՝ ողջյուններ։ Վատ չէ, չէ՞։ Մի ուրիշ օր, նույն ժամանակաշրջանում, մի վարորդի, որ շնորհակալություն էր հայտնում իրեն օգնելուս համար, պատասխանեցի, թե՝ ոչ ոք նման բան չէր անի իր համար։ Անշուշտ ես ուզում էի ասել, թե ցանկացած մեկը կաներ։ Բայց այդ դժբախտ սխալը մնաց սրտիս վրա։ Համեստության մեջ ես անմրցելի էի։

Պետք է համեստորեն ընդունել, սիրելի հայրենակից, ես միշտ հպարտությունից պայթել եմ։ Ե՛ս, ե՛ս, ե՛ս, ահա իմ սիրելի կյանքի կրկներգը, որ լսվում էր իմ բոլոր ասածների մեջ։ Ես երբեք ուրիշ ձևով խոսել չեմ կարողացել, բացի ինձ գովելուց, մանավանդ, երբ այն անում էի ջախջախիչ զգուշավորությամբ, որի գաղտնիքը ես գիտեի։ Ճիշտ է, միշտ ազատ և ուժեղ եմ ապրել։ Պարզապես ինձ ազատագրված էի զգում բոլորից, այն հրաշալի պատճառաբանությամբ, որ ոչ ոքի ինձ հավասար չէի համարում։ Ինչպես ասել եմ ձեզ, ես ինձ ամբողջ աշխարհից ոչ միայն խելացի էի համարում միշտ, այլ նաև ավելի զգայուն և ավելի համարձակ, ընտրյալ կրակող էի, անմրցելի վարորդ, լավագույն սիրող։ Նույնիսկ այնպիսի բնագավառներում, ուր հեշտ էր ստուգել իմ ստորակայությունը, օրինակի համար՝ թենիսը, որտեղ ես միջակ խաղընկեր էի, ինձ համար դժվար էր չհավատալ, որ եթե մարզվելու ժամանակ ունենայի, լավագույններին կանցնեի։ Ես իմ մեջ միշտ գերակայության զգացում էի տեսնում, մի բան, որով բացատրվում էր իմ ինքնագոհությունն ու հանդարտությունը։ Երբ ուրիշով էի զբաղվում, դա պարզապես ազատ կամքով արված զիջողություն էր, որի ամբողջ օգուտը ինձ էր գալիս, իմ ինքնասիրությունը մի աստիճանով բարձրանում էր։

Ուրիշ ճշմարտությունների կողքին այս փաստերը ես աստիճանաբար հայտնագործեցի այդ գիշերվան հաջորդող շրջանում, որի մասին խոսել եմ։ Ոչ անմիջապես, ոչ էլ շատ հստակորեն։ Անհրաժեշտ եղավ, որ նախ վերագտնեմ հիշողությունս։ Աստիճանաբար ավելի հստակ տեսա, սկսեցի սովորել մի բան, որ արդեն գիտեի։ Մինչ այդ ինձ միշտ օգնել էր մոռանալու զարմանալի մի ուժ։ Ես ամեն ինչ մոռանում էի և հատկապես իմ որոշումները։ Իրականում ինձ համար ոչ մի բան նշանակություն չուներ։ Անշուշտ, երբ դեպքերը ինձ ստիպում էին, ես ուշադրություն էի դարձնում պատերազմի, ինքնասպանության, թշվառության վրա։ Թեև մի տեսակ քաղաքավարի և մակերեսային ձևով։ Երբեմն ձևացնում էի, թե հուզվում եմ իմ առօրյա օտար մի գործի համար։ Խորքում, սակայն, ես դրան չէի մասնակցում, բացի այն պահից, երբ իմ ազատությունն էր վտանգի տակ. ինչպե՞ս բացատրել ձեզ։ Ամեն ինչ սահում֊անցնում էր, այո, ամեն ինչ իմ վրայով սահում֊անցնում էր։

Արդար լինենք. պատահում էր, որ իմ մոռացումները գովասանքի արժանի լինեին։ Դուք նկատած կլինեք. մարդիկ կան, որոնց կրոնը բոլոր վիրավորանքները ներելն է. նրանք իսկապես ներում են, բայց երբեք չեն մոռանում։ Ես այնքան լավ կտորից չէի ստեղծված, որ վիրավորանքները ներեի, պարզապես մոռանում էի։ Եվ նա, ով կարծում էր, թե իրեն ատում եմ, ապշում էր՝ տեսնելով, որ ես մեծ ժպիտով եմ դիմավորում իրեն։ Ըստ իր բնավորության՝ նա հիանում էր իմ մեծահոգությամբ կամ արհամարհում էր իմ վախկոտությունը, առանց մտածելու, որ իմ տրամաբանությունը ավելի պարզ էր. ես նույնիսկ իր անունը մոռացած էի լինում։ Այն անկարողությունը, որ ինձ անտարբեր էր դարձնում կամ ապաշնորհ, ինձ տալիս էր մեծահոգի մարդու տեսք։

Հետևաբար՝ ես շարունակում էի ապրել օր֊օրին, իմ սեփական աշխարհում։ Ես, ես, ես։ Օրը֊օրին կանայք, օրը֊օրին առաքինություն կամ մոլություն, առանց վաղվա մասին մտածելու, ինչպես շները, բայց միշտ իմ դիրքի վրա հաստատ կանգնած։ Այդպես առաջ էի գնում կյանքի մակերեսով, կարծես բառերի մեջ, երբեք՝ իրականության։ Բոլոր գրքերը՝ հազիվ կարդացված, բոլոր այս բարեկամները՝ հազիվ սիրված, բոլոր այս քաղաքները՝ հազիվ այցելված, բոլոր այս կանայք՝ հազիվ ունեցած, այդ են ապացուցում։ Ձանձրույթից կամ անուշադրությունից հազիվ շարժումներ էի անում։ Մարդիկ իրար էին հաջորդում, ուզում էին կպչել ինձ, բայց կպչելու ոչինչ չկար, և դա նրանց համար դժբախտություն էր։ Որովհետև ես պարզապես մոռանում էի նրանց։ Ինձնից բացի ես ուրիշ բան չեմ հիշել։

Սակայն կամաց֊կամաց հիշողությունս ինձ վերադարձավ։ Կամ, ավելի ճիշտ, ես վերադարձա նրան և այնտեղ գտա հիշատակներ, որոնք ինձ էին սպասում։ Նախքան այդ մասին ձեզ պատմելը, թույլ տվեք, սիրելի հայրենակից, մի քանի օրինակներ բերել (որոնք օգտակար կլինեն ձեզ, վստահ եմ), թե ես ինչեր գտա իմ հետազոտությունների ժամանակ։

Մի օր, իմ ավտոմեքենան վարելիս, երբ մի պահ կանգ էի առել կանաչ լույսի տակ, և երբ իմ անհամբեր համաքաղաքացիները անմիջապես իմ հետևից բաց էին թողել իրենց զգուշացնող շչակները, հանկարծ հիշեցի մի ուրիշ դեպք, որ տեղի էր ունեցել նման պայմաններում։ Մի մոտոցիկլետ, որը վարում էր մի փոքր, չորուկ, ակնոցավոր և գոլֆ հագած մարդ, ինձնից անցել և առջևս տեղավորվել էր կարմիր լույսի տակ։ Կանգնելիս մարդուկը անջատել էր շարժիչը և այժմ զուր ջանքեր էր թափում այն նորից աշխատեցնելու համար։ Երբ կանաչ լույսը եղավ, իմ սովորական քաղաքավարությամբ նրանից խնդրեցի իր մոտոցիկլետը մի կողմ քաշել, որպեսզի կարողանամ անցնել։ Մարդուկը, որ շատ էր նյարդայնանում իր հազիվ շնչող մեքենայի պատճառով, փարիզյան քաղաքավարության օրենքների համաձայն ինձ պատասխանեց, որ կարող եմ կորչել գրողի ծոցը։ Ես պնդեցի, միշտ քաղաքավարի, բայց ձայնիս մեջ անհամբերության մի փոքր շեշտով։ Նա ինձ անմիջապես պատասխանեց որոշակի ձևով, որ կարող եմ կորչել ուր ուզենամ։ Այդ ընթացքում իմ հետևից սկսել էին ազդանշաններ տալ։ Ավելի հաստատակամ ձևով խոսակցիս խնդրեցի առավել քաղաքավարի լինել և նկատի ունենալ, որ երթևեկությանը խանգարում է։ Այդ ցասկոտ բնավորությունը, հուսահատված անկասկած իր մեքենայի բացահայտ դարձած վատ կամքից, ինձ ասաց, որ եթե ցանկանում եմ քիթս հողին քսել, մեծ ուրախությամբ ինձ կբավարարի։ Այդքան ցինիզմը ինձ լավ բարկացրեց, և ես մեքենայիցս դուրս եկա այս բացբերանի ականջները քաշելու համար։ Կարծեմ վախկոտ չեմ (բայց ինչեր ասես չեն մտածի), մի գլուխ բարձր էի իմ հակառակորդից, իմ մկանները միշտ լավ են ծառայել ինձ։ Այդ ժամանակ էլ հավատացած էի, որ ավելի շուտ ես նրան փոշեթաթախ կդարձնեի, քան նա ինձ։ Բայց հազիվ էի մեքենայից դուրս եկել, ժողովրդի միջից, որը արդեն սկսել էր հավաքվել, մի մարդ մեջտեղ ընկավ, շտապեց իմ կողմը և սկսեց ինձ հավատացնել, որ ես վերջիններից վերջինն էի և ինձ թույլ չէր տա խփել մի մարդու, որը մոտոցիկլետ ուներ սրունքների արանքում և դրանով իսկ գտնվում էր աննպաստ պայմաններում։ Ես շուռ եկա այս հրացանակրի կողմը և իրականում նույնիսկ չտեսա նրան։ Հազիվ էի գլուխս շուռ տվել, երբ համարյա նույն ժամանակ լսեցի մոտոցիկլետի շարժիչի աշխատելու ձայնը և ականջիս ստացա մի ուժեղ հարված։ Հազիվ ժամանակ ունեցա հասկանալ պատահածը, մոտոցիկլետը հեռացավ։ Ծայրահեղ զայրույթով ես մեքենայաբար քայլեցի դեպի դ՚Արտանյանը, երբ, նույն պահին, մեքենաների շչակների անհամբեր ձայներ լսեցի ավտոշարից, որ արդեն պատկառելի էր դարձել։ Կանաչ լույսը նորից վառվել էր։ Այդ ժամանակ, դեռևս մի քիչ շփոթված՝ փոխանակ ինձ խանգարող ապուշին թափ տալու, ես խելոք վերադարձա դեպի իմ մեքենան և այն ճանապարհ հանեցի, մինչ անցնելու պահին այդ ապուշը ինձ ողջունում էր «վախկոտի մեկը» խոսքով, որը դեռ հիշում եմ։

Անկարևոր պատմություն է՝ պիտի ասեք դուք։ Անկասկած։ Բայց շատ երկար ժամանակ ես չէի մոռանում։ Ահա կարևորը, թեև արդարացումներ ունեի։ Ես թողել էի, որ ինձ ծեծեն, առանց պատասխանելու, բայց ինձ վախկոտության մեջ մեղադրել չէր կարելի։ Անակնկալի եկած, երկու կողմից խոսքի բռնված, ես ամեն ինչ խառնել էի, և շչակներն էլ ավարտել էին իմ շփոթությունը։ Սակայն այդ դեպքից ինձ դժբախտ էի զգում, կարծես անպատվել էին։ Ես ինձ տեսնում էի առանց որևէ ռեակցիայի իմ մեքենան նստելիս, ամբոխի ծաղրական և ուրախ հայացքի տակ, մանավանդ որ այդ օրը ես հագել էի շատ ճաշակավոր մի կապույտ հագուստ։ Լսում էի «վախկոտի մեկը» խոսքը, որ ինձ արդար էր թվում։ Ի վերջո, ինձ հասարակության առաջ անպատվել էին։ Անշուշտ, դեպքերի ինչ֊որ հաջորդականության պատճառով, բայց միշտ էլ դեպքեր լինում են։ Հարվածից հետո ես հստակորեն տեսնում էի, թե ինչ պետք էր անել։ Տեսնում էի, թե ինչպես բռունցքի մի լավ հարվածով գետին էի գլորում դ՚Արտանյանին, նստում էի մեքենա, հետապնդում ինձ խփող կապիկին, հասնում էի, նրա մեքենան սեղմում մայթին, մի կողմ էի քաշում նրան և մի լավ դմփում, ինչին այնքան շատ էր արժանացել։ Զանազան տարբերակներով ես հարյուր անգամ դարձնում էի այս փոքրիկ ֆիլմը իմ երևակայության մեջ։ Բայց արդեն շատ ուշ էր, և մի քանի օր շարունակ շատ վատ մի նախազգացում էր ինձ պատառոտում։

Սատանան տանի, նորից անձրև է գալիս։ Ուզո՞ւմ եք, կանգ առնենք այս դռան տակ։ Լավ։ Որտե՞ղ էի հասել։ Ահ, այո, պատիվը։ Ուրեմն, երբ վերագտա այս արկածի հիշողությունը, հասկացա, թե ինչ էր այն նշանակում։ Ի վերջո, իմ երազը չդիմացավ փաստերի փորձությանը։ Ես երազել էի, այժմ դա արդեն պարզ էր, ամբողջական մարդ լինել, որը պետք է հարգվեր իր անձով, ինչպես նաև իր մասնագիտությամբ։ Կիսով չափ Սերդան , կիսով չափ դը Գոլ, եթե ուզում եք։ Կարճ ասած, ես ուզում էի ամեն ինչում առաջինը լինել։ Դրա համար էլ ձևեր էի թափում, ամեն առիթով ավելի շատ ցույց էի տալիս իմ ֆիզիկական, քան մտավոր կարողությունները։ Բայց հասարակության մեջ առանց պատասխան տալու վիրավորանք ստանալուց հետո ինձ համար այլևս հնարավոր չէր շոյել իմ գեղեցիկ պատկերը։ Եթե ես ճշմարտության և խոհեմության բարեկամ լինեի, մի բան, որ ձևացնում էի, ինձ վրա ինչ ազդեցություն պիտի գործեր այս՝ նույնիսկ ներկա եղողներից արդեն իսկ մոռացված, արկածը։ Ես պետք է ինձ մեղադրեի, որ դատարկ բանի համար բարկացել էի, և նաև, բարկանալուց հետո, լրջախոհության բացակայության պատճառով, չէի կարողացել դիմագրավել հետևանքները։ Դրա փոխարեն այրվում էի վրեժ լուծելու, խփելու և հաղթելու ցանկությունից։ Կարծես իմ իսկական ցանկությունը ոչ թե ամենախելոք ու ամենաառատաձեռն էակը լինելն էր աշխարհում, այլ պարզապես ուզում էի լինել ամենաուժեղը ամենատարրական ձևով։ Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր մտավորական մարդ, դուք լավ գիտեք, երազում է գանգստեր լինել և իշխել հասարակության վրա միայն բռնի ուժով։ Եվ որովհետև այդ այնքան էլ հեշտ չի ձեռք բերվում, ինչպես հավաստում է մասնագիտացված վեպերի ընթերցումը, մարդիկ սկսում են ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվել և վազում են դեպի ամենավայրագ կուսակցությունը։ Ի վերջո, ինչ կարևորություն ունի, երբ միտքը ստորացնելով մարդ կարողանում է բոլորին տիրել։ Ես իմ մեջ հայտանգործում էի ճնշողի քաղցր երանգներ։

Ի վերջո, հասկացա առնվազն, որ ես հանցագործի, դատապարտվածի կողմն էի այն չափով միայն, որքանով որ նրանց սխալը ինձ ոչ մի վնաս չէր պատճառում։ Նրանց հանցանքը ինձ պերճախոս էր դարձնում, որովհետև զոհը ես չէի։ Վտանգի տակ ընկնելով, ոչ միայն իմ հերթին դատավոր էի դառնում, այլև ավելին՝ մի ցասկոտ պարոն, որ ուզում էր, բոլոր օրենքներից դուրս, տապալել յուրաքանչյուր հարձակվողի և նրան ծնկի բերել։ Սրանից հետո, սիրելի հայրենակից, շատ դժվար է լրջորեն հավատալ արդարության կամ այրու ու որբի նախասահմանված պաշտպանը լինելուն։

Քանի որ անձրևը սաստկանում է, և մենք ժամանակ ունենք, կարող եմ ձեզ վստահել մի ուրիշ հայտնագործություն, որ արել եմ մի քիչ ուշ, իմ հիշողության մեջ։ Նստենք պատսպարված այս նստարանին։ Դարեր ամբողջ ծխամորճ ծխողները այստեղ դիտել են նույն անձրևի տեղալը նույն ջրանցքի վրա։ Այն, ինչ ձեզ պիտի ասեմ, մի քիչ ավելի դժվար է։ Խոսքս այս անգամ մի կնոջ մասին է։ Պետք է նախապես ասեմ, որ կանանց հարցում առանց մեծ ճիգի ես միշտ հաջողակ եմ եկել։ Չեմ ուզում ասել հաջողակ նրանց երջանկացնելու, ոչ էլ նրանց միջոցով ինձ երջանկացնելու իմաստով։ Ոչ, պարզապես հաջողակ։ Ես հասնում էի իմ նպատակներին, մոտավորապես երբ ուզում էի։ Պատկերացրեք, որ հմայիչ մարդ էի համարվում։ Դուք գիտեք, թե ինչ է նշանակում հմայքը. կարողանալ «այո» պատասխանել, առանց որևէ հստակ հարց դնելու։ Այդպես էի ես այդ ժամանակ։ Սա ձեզ զարմացնո՞ւմ է։ Մի ժխտեք։ Իմ այժմյան դեմքով ձեր ժպիտը շատ բնական է։ Ավադ, որոշ տարիքից հետո ամեն մարդ պատասխանատու է իր դեմքի համար։ Իմը... Բայց դա ի՞նչ կարևոր է։ Փաստը կա, կանայք ինձ հմայիչ էին համարում, և ես դրանից օգտվում էի։ Սակայն իմ սիրային գործերին ոչ մի հաշիվ չէի խառնում, ես անկեղծ էի կամ գրեթե անկեղծ։ Իմ հարաբերությունը կանանց հետ, ինչպես ասում են, բնական էր, ազատ, հեշտ։ Դրա մեջ խորամանկություն չկար կամ՝ միայն այնքան, ինչ նրանք հարգանքի նշան էին համարում։ Ինչպես սրբագործված արտահայտությամբ են ասում՝ «ես նրանց սիրում էի» խոսքը նշանակում էր, որ ոչ մեկին չէի սիրում։ Կնատյացությունը ես միշտ գռեհիկ և հիմար եմ համարել, և իմ ճանաչած համարյա բոլոր կանանց ինձնից բարձր եմ դասել։ Սակայն, հակառակ դրան, նրանց ավելի հաճախ օգտագործել եմ, քան ծառայել։ Ինչպե՞ս հասկանալ այս բոլորը։ Անշուշտ, իսկական սերը բացառիկ երևույթ է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում։ Մնացած ժամանակ սիրուն փոխարինում է սնափառությունը կամ ձանձրույթը։ Իսկ ես բոլոր դեպքերում կրոնամոլ պորտուգալուհին չէի։ Ես չոր սիրտ չունեմ, հեռու դրանից, ընդհակառակը՝ խղճահարությամբ եմ լեցուն և հեշտ եմ լաց լինում։ Միայն թե իմ հուզական պոռթկումները ուղղված են միշտ դեպի ինձ, խղճահարության իմ զգացումները ինձ են վերաբերում։ Ի վերջո սխալ է, թե ես երբեք չեմ սիրել։ Իմ կյանքում ես մի մեծ սեր ունեցա, և այդ սիրո առարկան միշտ ես եղա։ Այս իմաստով, շատ երիտասարդ հասակի անխուսափելի դժվարություններից հետո, ես շատ շուտ կողմնորոշվեցի դեպի զգայնությունը, և միայն դա էր տիրում իմ սիրային կյանքին։ Ես միշտ հաճույքի առարկաներ և հաղթանակներ էի փնտրում։ Ինձ օգնում էր նաև իմ արտաքինը, բնությունը իմ նկատմամբ առատաձեռն էր եղել։ Դրանով ես պակաս հպարտ չէի և դրանից շատ բավականություններ էի քաղում, որոնք, չեմ կարող ասել, հաճույքնե՞ր էին, թե արժանապատվության հաստատումը։ Այժմ դուք պիտի ասեք, որ շարունակում եմ գլուխս գովել։ Չեմ ժխտում և դրա համար ավելի պակաս հպարտ եմ, որովհետև, այս դեպքում, հպարտանում եմ ճիշտ բանով։

Բոլոր դեպքերում իմ զգայնությունը, եթե դրա մասին է խոսքը, այնքան իրական է, որ տասը րոպեանոց մի արկածախնդրության համար կարող էի ուրանալ հայր և մայր, նույնիսկ եթե հետագայում դառնորեն վշտանայի։ Ի՞նչ եմ ասում. հատկապես տասը րոպեի արկածախնդրության կամ ավելի պակասի համար, եթե վստահ լինեի, որ այն հետևանք և շարունակություն չէր ունենալու։ Անշուշտ, ես սկզբունքներ ունեի. օրինակ, ընկերներիս կանայք ինձ համար սուրբ էին։ Պարզապես, ամենայն անկեղծությամբ մի քանի օր առաջ դադարում էի նրանց ամուսինների հետ բարեկամություն անել։ Գուցե սա պետք չէ զգայնություն համարել։ Զգայնությունը ինքը դատապարտելի չէ։ Ներողամիտ լինենք և խոսենք թուլությունից՝ որպես սիրո մեջ ֆիզիկականից դուրս ուրիշ բան տեսնելու մի տեսակ բնածին անկարողություն։ Թուլություն բառը բոլոր դեպքերում հարմար էր։ Մոռանալու իմ կարողության հետ միացած, այս թուլությունը նպաստավոր էր իմ ազատությանը։ Մի տեսակ հեռացման և անդարմանալի անկախության հովեր առած՝ այն ինձ նոր հաջողությունների հնարավորություն էր ընձեռում։ Որպեսզի ռոմանտիկ չլինեմ, ես մեծ չափով սնունդ էի տալիս վիպականին։ Իմ բարեկամուհիները Բոնապարտի հետ հետևյալ ընդհանուր գիծը ունեին. ձգտում էին հաջողության հասնել այնտեղ, որտեղ բոլորը ձախողվել էին։ Այս առևտրում, հետևաբար, բացի իմ զգայնությունից, ես գոհացում էի տալիս նաև մի ուրիշ բանի, խաղի նկատմամբ իմ ունեցած սիրույն։ Կանանց մեջ ես սիրում էի այն խաղընկերոջը, որը առնվազն անմեղ լինելու ճաշակը ուներ։ Տեսնո՞ւմ եք, չեմ կարող տանել ձանձրույթը և կյանքում գնահատում եմ միայն զբոսանքները։ Ամեն մի հասարակություն, նույնիսկ փայլունը, ինձ արագորեն ձանձրացնում էր, մինչդեռ ինձ դուր եկող կանանց հետ ես երբեք չէի ձանձրանում։ Ես դժվարանում եմ խոստովանել. կարող էի Էյնշտեյնի հետ ունենալիք տասը զրույցը զանց առնել մի գեղեցիկ պարուհու հետ ունենալիք առաջին ժամադրության գնալու համար։ Պարզ է, որ տասներորդ ժամադրությունից հետո պետք է վազեի Էյնշտեյնի մոտ կամ մի լուրջ գիրք կարդայի։ Կարճ ասած, ես մեծ հարցերի մասին մտածել եմ միայն փոքր վայելքների արանքում։ Եվ քանի անգամ, մայթի վրա տնկված, բարեկամների հետ կրքոտ մի վեճի գագաթնակետին կորցրել եմ իմ տրամաբանության կապը, որովհետև նույն պահին մի կործանող գեղեցկուհի է անցել փողոցով։

Ուրեմն, ես խաղում էի։ Ես գիտեի, որ կանայք սիրում են, երբ դեպի նպատակը շատ արագ չես գնում։ Նախ պետք է հետները զրուցել, շոյել, ինչպես ասում են նրանք։ Որպես իրավաբան խոսելու դժվարություն չունեի, շարժուձևերս էլ նուրբ էին, բանակում սիրող֊դերասան էի եղել։ Ես հաճախ փոխում էի դերերը, բայց միշտ միևնույն պիեսի մասին էր խոսքը։ Իմ զինանոցում կային անխոստովանելի մոգական խոսքեր, օրինակ՝ «Չգիտեմ ինչպես պատահեց այս... ամբողջ ուժով չէի ուզում հրապուրվել, ես հոգնել էի սիրուց, բայց հավատացեք», և այլն։ Այս խոսքերը միշտ արդյունավետ էին լինում, թեև ծրագրի ամենահին համարներից էին։ Կար նաև «խորհրդավոր երջանկությունը, որը ոչ մի կին երբեք ինձ չէր պարգևել, որը գուցե առանց հեռանկարի էր, վստահաբար առանց հեռանկարի (որովհետև ով կարող է ինքն իրեն երաշխավորել), բայց որ առանց նրան կյանքը վճռականապես անհնար է»։ Ես կատարելագործել էի մանավանդ մի փոքր ելույթ, որը միշտ լավ էր ստացվում, և որը, վստահ եմ, կծափահարեք։ Այս ելույթի հիմնական մասը հաստատումն էր՝ ցավալի և վճռական, որ ես ոչինչ էի, որ չարժեր ինձ հետ կապվել, թե իմ կյանքը արդեն վերջացել էր, և իսկական երջանկությունը ես երբեք չէի վայելել, մի երջանկություն, որը գուցե ես նախընտրեի ուրիշ որևէ բանից, բայց, ահա, շատ ուշ էր արդեն։ Ինչ վերաբերում էր այս վճռական ուշ լինելու պատճառներին, ես գաղտնի էի պահում, իմանալով, որ միշտ ավելի լավ է խորհրդավորության հետ անկողին մտնել։ Ես հավատում էի իմ ասածին, ապրում էի իմ դերը։ Զարմանալի չէ, ուրեմն, որ իմ ընկերուհիները նույնպես սկսում էին անկեղծորեն խաղալ։ Իմ բարեկամներից ամենազգայունները փորձում էին հասկանալ ինձ, և այդ ճիգը նրանց մղում էր զգացական թախծի։ Ուրիշները՝ գոհ, որ պահպանում էի խաղի օրենքները՝ և այնքան նրբանկատ կերպով էի խոսում գործելուց առաջ, առանց սպասելու դեպի իրականությունն էին գնում։ Այդ ժամանակ ես արդեն կրկնակի էի շահում, քանի որ, բացի նրանց նկատմամբ ունեցած ցանկությունից, ամեն անգամ ստուգելով իմ կարողությունների հզորությունը, բավարարում էի նաև ինքս ինձ՝ իմ հանդեպ ունեցած սիրույս։

Այսպես էր նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ինձ մի հաճույք էին պատճառում. ես աշխատում էի, այսուհանդերձ, կապս վերահաստատել նրանց հետ, թեկուզ երկար ընդմիջումներով, այն եզակի ցանկության օգնությամբ, որ բացակայությունն է տալիս, երբ դրան հետևում է նաև հանկարծ վերագտնված մեղսակցությունը, բայց նաև ստուգելու համար, որ մեր կապերը միշտ դիմանում էին, և որ ինձ էր պատկանում այդ կապերը նորից ամրապնդելու առանձնաշնորհը։ Երբեմն հասնում էի մինչև այնտեղ, որ նրանց երդվել էի տալիս չպատկանել որևէ ուրիշ մարդու, որպեսզի իմ մտահոգությունները մեկընդմիշտ մեղմանան, թեև սիրտը և երևակայությունը ոչ մի մաս չունեին այս մտահոգությունների մեջ։ Մի տեսակ հավակնություն էր հաստատվել մեջս։ Հակառակ ակնհայտ փաստերին, դժվարությամբ էի պատկերացնում մի կին, որ իմն էր եղել, երբևէ կարողանար մի ուրիշի պատկանել։ Բայց այդ երդումը, որ նրանք տալիս էին, ինձ ազատում էր, իսկ նրանց կապում։ Այն պահից, որ նրանք ուրիշի չէին պատկանելու, կարող էի ուրեմն խզվել նրանցից, մի բան, որ, այլապես, ինձ համար գրեթե միշտ անհնար էր։ Նրանց նկատմամբ ստուգումը մեկընդմիշտ արված էր, և իմ իշխանությունը, երկար ժամանակի համար, հաստատված։ Հետաքրքրական է, չէ՞։ Սակայն այդպես էր, սիրելի հայրենակից։ Ոմանք բղավում են. «Սիրիր ինձ»։ Ուրիշները. «Ինձ մի սիրիր»։ Բայց մի ուրիշ դասակարգ էլ կա՝ վատթարագույնը և ամենադժբա տը, որ ասում է. «Ինձ մի սիրիր, բայց ինձ հավատարիմ եղիր»։

Միայն թե ստուգումը երբեք վերջնական չէ, պետք է վերսկսել յուրաքանչյուր էակի հետ։ Նման բաները մարդու մեջ սովորույթ են դառնում։ Շուտով խոսքերը լեզվիդ գալիս են առանց նույնիսկ մտածելու, դառնում են ռեֆլեքս, ու մի օր էլ կանանց ունենում ես ավելի շուտ, քան կհասցնես իրապես ցանկանալ։ Հավատացեք ինձ, ոմանց համար աշխարհի ամենադժվար բանը ունենալն է, երբ չեն ցանկանում։

Նման մի դեպք պատահեց ինձ հետ. կարիք չկա ձեզ ասելու, թե ո՞վ էր այդ կինը, միայն թե, առանց ինձ իսկապես հուզելու, նա ինձ գրավել էր իր կրավորական և անհագ տեսքով։ Անկեղծորեն ասած՝ ամեն ինչ շատ միջակ ստացվեց, ինչպես կարելի էր սպասել։ Բայց ես կոմպլեքսներ երբեք չէի ունենում և շատ արագ մոռանում էի կանանց, մանավանդ, եթե նորից չէինք հանդիպում։ Կարծում էի, որ ոչինչ չէր նկատել, և չէի պատկերացնում, որ այդ մասին կարող էր կարծիք ունենալ։ Մանավանդ նրա կրավորական տեսքը իմ աչքին նրան աշխարհից կտրված լինելու խաբկանքն էր տվել։ Սակայն մի քանի շաբաթ հետո իմացա, որ մի երրորդի հետ խոսել էր իմ պակասությունների մասին։ Անմիջապես մի քիչ խաբված լինելու զգացումը ունեցա. ուրեմն նա իմ կարծածի չափ կրավորական չէր և կարող էր դատողություններ անել։ Հետո ուսերս բարձրացրի և ձևացրի, թե ծիծաղում եմ։ Իսկապես էլ ծիծաղեցի։ Պարզ էր, որ այս դեպքը կարևորություն չուներ։ Եթե կա մի բնագավառ, ուր գաղտնապահությունը օրենք պետք է լինի, սեռական հարաբերությունները չե՞ն, իրենց բոլոր աննախատեսելի մասերով։ Բայց՝ ոչ, նույնիսկ մենության մեջ ուզում ես իմանալ, թե ում համար էր նպաստավոր եղել այդ հարաբերությունը։ Հակառակ ուսերս բարձրացնելուս, ի՞նչ եղավ, իրապես, իմ վարքագիծը։ Մի քիչ ժամանակ անց աշխատեցի նորից տեսնել այդ կնոջը, արեցի ամեն ինչ, որ անհրաժեշտ էր նրան հրապուրելու և իրապես ունենալու համար։ Շատ դժվար չեղավ. նրանք նույնպես չեն սիրում, երբ խաղը պարտությունով է վերջանում։ Այդ պահից, առանց իրապես նպատակադրվելու, սկսեցի ամեն ձևով նրան սպանել։ Նրան լքում էի ու նորից վերցնում, ստիպում էի տրվել այնպիսի ժամանակներում և այնպիսի վայրերում, որոնք հարմար չէին, հետը վերաբերվում էի այնպիսի կոպտությամբ, որ վերջիվերջո կապվեցի հետը այնպես, ինչպես բանտապահը կապվում է իր բանտարկյալի հետ։ Եվ այսպես մինչև այն օրը, երբ հաճույքի և բուռն սիրո մի պահի նա ստիպված բարձրաձայն պատիվ տվեց նրան, ով ստրկացնում էր իրեն։ Այդ օրն իսկ սկսեցի հեռանալ նրանից և շուտով մոռացա նրան։

Ձեզ հետ պետք է համաձայնեմ, հակառակ ձեր քաղաքավարի լռությանը, որ այս արկածը այնքան էլ գեղեցիկ չէր։ Սակայն մտածեցեք ձեր կյանքի մասին, սիրելի հայրենակից։ Փորեք ձեր հիշողությունը և գուցե այնտեղ գտնեք որևէ նման պատմություն, որը հետո կպատմեք ինձ։ Գալով ինձ, երբ այս պատմությունը միտքս եկավ, ես նորից սկսեցի ծիծաղել։ Բայց դա ուրիշ ծիծաղ էր, բավականին նման այն մեկին, որ լսել էի Արվեստների կամրջի վրա։ Ես ավելի շուտ ծիծաղում էի իմ ճառերի և պաշտպանականների վրա, քան կանանց առաջ արտասանած իմ ճառերի։ Կանանց, առնվազն, ես քիչ էի ստում։ Իմ վերաբերմունքի մեջ ավելի շուտ խոսում էր բնազդը, առանց կեղծ ու գողունի խոսքերի։ Սիրո ակտը, օրինակի համար, խոստովանություն է։ Եսասիրությունը այնտեղ բարձրաձայն ինքնիրեն է հայտարարում, սնափառությունը իրեն ցույց է տալիս, և կամ ի հայտ է գալիս իսկական վեհանձնությունը։ Ի վերջո, այս ցավալի պատմության մեջ, ավելի լավ, քան իմ մյուս գործերում, ես ավելի անկեղծ էի եղել, քան կարծում էի. ասել էի, թե ով եմ և ինչպես կարող եմ ապրել։ Հակառակ երևույթներին, ուրեմն, ավելի արժանի մարդ էի հենց իմ անձնական կյանքում, և մանավանդ, երբ ինձ այդպիսին պահում էի, ինչպես պատմեցի ձեզ, իմ պրոֆեսիոնալ մեծ թռիչքների ժամանակ, երբ խոսում էի անմեղության և արդարության մասին։ Առնվազն կենդանի էակների հետ հարաբերվելիս, չէի կարող սխալվել իմ բնավորության ճշմարտացիության մասին։ Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանակ։ Չեմ հիշում, արդյոք կարդացել՞ եմ այս խոսքը, թե ինքս մտածեցի, սիրելի հայրենակից։

Երբ այսպես քննարկում էի որևէ կնոջից վերջնականապես բաժանվելու իմ դժվարությունը, մի դժվարություն, որ ինձ ստիպում էր ունենալ զուգահեռ կապեր, իմ սրտի փափկությանը չէի մեղադրում։ Բայց դուք ինքնասպանություն եք գործել, և մի՞թե կարևոր է՝ ձեզ հավատո՞ւմ են, թե ոչ. դուք այլևս չեք կարող նրանց՝ թեկուզ ակնթարթային զարմանքին և զղջմանը ներկա լինել, չեք կարող մասնակցել, ինչպես երազում է յուրաքանչյուր մարդ, սեփական հուղարկավորությանը։ Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց։

Հետո, ավելի լավ չէ՞ այդպես լինելը։ Մենք շատ ենք տառապում նրանց անտարբերությունից։ «Դրա համար դու թանկ կվճարես»,— ասում էր մի աղջիկ հորը, որ արգելել էր նրան ամուսնանալ մի շատ կոկիկ հագնված փեսացուի հետ։ Աղջիկը ինքնասպան եղավ։ Բայց հայրը բոլորովին ոչինչ չվճարեց։ Նա սիրում էր ձկնորսությամբ զբաղվել։ Երեք կիրակի հետո նա գետափ վերադարձավ, ինչպես ինքն էր ասում, մոռանալու համար։ Հաշվարկը ճիշտ էր, նա մոռացավ։ Ճիշտն ասած, հակառակը պիտի ինձ զարմացներ։ Երբեմն կարծում են, թե մեռնում են կնոջը պատժելու համար, մինչդեռ նրան ազատություն են պարգևում։ Ավելի լավ է չտեսնել այդ, անկախ այն փաստից, թե կարող ես լսել քո արածի համար տրված բացատրությունները։ Ինչ ինձ է վերաբերում, ես դրանք արդեն իսկ լսում եմ։ «Նա ինքնասպան եղավ, որովհետև չկարողացավ տանել, որ...»։ Ահ, սիրելի բարեկամ, մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար։ Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար։ Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նաև երկու պատճառի համար։ Ոչ, այդ մեկը նրանց գլուխը չի մտնում։ Ուրեմն ինչո՞ւ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծիք ունենան քո մասին։ Երբ մահանաք, նրանք առիթից պիտի օգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն։ Մարտիրոսները, սիրելի բարեկամ, պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև։ Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն։

Հետևաբար դիմենք ուղիղ նպատակին. ես սիրում եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը։ Ես կյանքը այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել։ Այդպիսի ագահությունը ինչ֊որ պլեբեյական բան ունի իր մեջ, այդպես չէ՞։ Ազնվականությունը ինքն իրեն չի կարող պատկերացնել առանց մի փոքր հեռանալու իրենից և իր կյանքից։ Մահանում են, եթե անհարժեշտ է, կոտրվում են, բայց չեն ծռվում։ Բայց ես ծռվում եմ, որովհետև շարունակում եմ ինքս ինձ սիրել։ Այս բոլորը ձեզ պատմելուց հետո, ասացեք, ի՞նչ եք կարծում, ի՞նչ եմ զգում իմ նկատմամբ։ Նողկա՞նք։ Ընդհակառակը, ավելի շուտ ուրիշների հանդեպ եմ զգում այն։ Անշուշտ, իմ թուլությունները ճանաչում էի և ցավում դրանց համար։ Բայց շարունակում էի մոռանալ դրանք արժանի համառությամբ։ Ուրիշների դատը, ընդհակառակը, շարունակում էր իմ սրտում տեղ գրավել։ Անշուշտ դա ձեզ զարմացնո՞ւմ է։ Գուցե կարծում եք, որ դա տրամաբանական չէ՞։ Բայց հարցը տրամաբանական լինելը չէ։ Հարցը դեպի մյուս ափը սահելն է, և մանավանդ, այո, մանավանդ վճռից խուսափելն է։ Ես չեմ խոսում պատժից խուսափելու մասին, որովհետև պատիժը առանց վճռի տանելի է։ Այն ունի մի անուն, որ մեր անմեղությունը ապահովագրում է՝ դժբախտություն։ Մեր խնդիրը, ընդհակառակը, գործը կարճելն է, դատված լինելուց խուսափելը, թույլ չտալը, որ դատավճիռը արտաբերվի։

Բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Այսօր, դատավճռի համար, ինչպես շնության, մենք միշտ պատրաստ ենք։ Այն տարբերությամբ, որ նվաղելուց վախենալու պատճառ չկա։ Եթե կասկածում եք, ականջ դրեք օգոստոս ամսին սեղանի շուրջ ընթացող խոսակցություններին, ամառանոցային հյուրանոցներում, ուր մեր բարեսիրտ հայրենակիցները գալիս են ձանձրույթից բուժվելու։ Եթե դեռևս շարունակում եք եզրակացության չգալ, կարդացեք մեր ժամանակի մեծ մարդկանց գործերը։ Եվ կամ դիտեցեք ձեր սեփական ընտանիքը և որոշ բաներ կսովորեք։ Սիրելի բարեկամ, պարզապես առիթ չտաք, որ նրանք մեզ դատեն, որքան էլ որ այն փոքր լինի։ Ապա թե ոչ մեզ կտոր֊կտոր կանեն։ Մենք պարտավոր ենք պահպանել նույն զգուշավորությունը, ինչ գազան զսպողը։ Եթե նա դժբախտություն ունենա վանդակ մտնելուց առաջ ածելիով իրեն կտրելու, ի՜նչ խնջույք գազանների համար։ Ես այս ամենը հասկացել եմ միանգամից, այն օրը, երբ կասկածեցի, թե այնքան էլ հիանալի չեմ։ Այդ օրվանից չվստահող դարձա։ Քանի որ ինձնից մի քիչ արյուն էր կաթում՝ ինձ համար խուսափել չկար, նրանք ինձ հոշոտելու էին։

Իմ հարաբերությունները մարդկանց հետ երևութապես նույնն էին, բայց նրբորեն անհամաձայնեցված էին դառնում։ Իմ բարեկամները չէին փոխվում։ Նրանք միշտ, առիթը եկած ժամանակ, դրվատում էին այն հավասարակշռությունն ու ապահովությունը, որ գտնում էին ինձ մոտ։ Բայց ես զգայուն էի ինձ լցնող անկանոնության, աններդաշնակության նկատմամբ միայն։ Ես խոցելի և հանրության դատապարտմանը թողնված էի զգում։ Իմ նմանները իմ աչքում դադարում էին լինել հարգելի ունկնդիրներ, ինչին սովոր էի։ Այն շրջանակը, որի կենտրոնն էի, ջարդվում էր, և նրանք մի շարքի վրա էին շարվում, ինչպես դատարանում։ Այն պահից, երբ հասկացա, որ իմ մեջ դատապարտելու բան կա, հասկացա նաև, որ նրանց մեջ անդիմադրելի ցանկություն կա դատապարտելու։ Այո, նրանք այնտեղ էին, ինչպես առաջ, բայց ծիծաղում էին։ Կամ ավելի շուտ ինձ թվում էր, որ նրանցից յուրաքանչյուրը, հանդիպելիս, ինձ դիտում էր թաքնված ծիծաղով։ Այդ շրջանում ես նույնիսկ այն տպավորությունն ունեցա, որ ինձ սայթաքեցնում էին նաև նրանք։ Իրապես, երկու կամ երեք անգամ, երբ հասարակական որևէ վայր էի մտնում, առանց պատճառի հակադրության էի հանդիպում, մի անգամ նույնիսկ մատնացույց արվեցի։ Որպես Դեկարտին հետևող ֆրանսիացի, արագ ինքզինքս հավաքեցի և դեպքերը վերագրեցի մեր տրամաբանությունը հասու աստվածությանը, այսինքն՝ պատահականության։ Սակայն, հակառակ դրան, իմ անվստահությունը մնաց։

Արթնացած ուշադրությամբ ինձ համար դժվար չէր իմանալ, որ ես թշնամիներ ունեի։ Նախ՝ մասնագիտության մեջ, ապա՝ աշխարհիկ կյանքում։ Ոմանց ես պարտավորեցրել էի։ Ուրիշներին՝ պարտավոր էի պարտավորեցնել։ Այս բոլորը, ի վերջո, օրինավոր էր, և ես առանց մեծ վշտի էի հայտնագործում։ Ինձ համար ավելի դժվար և ավելի ցավալի էր, ընդհակառակը, ընդունել, որ ես թշնամիներ ունեմ այն մարդկանց շարքում, որոնց հազիվ էի ճանաչում և կամ բոլորովին չէի ճանաչում։ Ես անկեղծաբար մտածել եմ, դրա ապացույցը տվել եմ ձեզ, որ ովքեր ինձ չէին ճանաչում, չէին կարող ինձ չսիրել, եթե պատահեր, որ ծանոթանային հետս։ Բայց ոչ, այդպես չէր։ Ես թշնամանքների էի հանդիպում մանավանդ նրանց մեջ, ովքեր միայն հեռվից էին ինձ ճանաչում, և որոնց ես ծանոթ չէի։ Անկասկած, նրանց թվում էր, որ ես ապրում էի ազատ, առատության և ինքնամոռաց երջանկության մեջ. այդ չեն ներում։ Հաջողության հովը, երբ որոշակի ձևով է ցուցադրվում, կատաղեցնում է էշին։ Իմ կյանքը, մյուս կողմից, պայթելու չափ լեցուն էր, և ժամանակի պակասից ես շատ առաջարկներ մերժում էի։ Հետո, նույն պատճառով մոռանում էի իմ մերժումները։ Բայց այդ առաջարկները ինձ արվում էին այնպիսի մարդկանց կողմից, որոնց կյանքը լեցուն չէր, և որոնք, ճիշտ նույն պատճառով, հիշում էին իմ մերժումները։

Այդպես էլ, որպեսզի միայն մի օրինակ վերցնենք, ասեմ, որ կանայք, ի վերջո, ինձ վրա թանկ էին նստում։ Այն ժամանակը, որ նրանց էի տրամադրում, տղամարդկանց տալ չէի կարողանում, և նրանք միշտ չէ, որ ներում էին ինձ։ Ինչպե՞ս դուրս գալ այդ վիճակից։ Քեզ չեն ների քո երջանկությունը և հաջողությունը, եթե չես համաձայնվում առատաձեռնորեն բաժանել նրանց հետ։ Բայց երջանիկ լինելու համար ուրիշներով շատ զբաղվել պետք չէ։ Այդ պահից ելքերը փակվում են։ Երջանիկ և՝ դատապարտված, կամ թողություն ստացած և՝ թշվառ։ Գալով ինձ, անարդարությունը ավելի մեծ էր, ես դատապարտվում էի իմ անցյալ երջանկության համար։ Երկար ժամանակ ապրել էի այն խաբկանքի մեջ, որ ընդհանուրի հետ համաձայնության մեջ եմ, մինչդեռ անուշադիր և ժպտուն դատապարտությունները, նետերն ու ծաղրանքները բոլոր կողմերից ինձ վրա էին ուղղվում։ Այն օրվանից, որ զգուշացվեցի, ավելի զգոն դարձա։ Ես միաժամանակ բազմաթիվ վերքեր ստացա և միանգամից ուժերս կորցրի։ Այդ ժամանակ իմ շուրջ ամբողջ աշխարհը սկսեց ծիծաղել։

Ահա մի բան, որ ոչ ոք (բացի նրանցից, ովքեր չեն ապրում, այսինքն՝ իմաստունները) չի կարող հանդուրժել։ Պաշտպանվելու միակ ձևը չարությունն է։ Մարդիկ շտապում են դատել, որպեսզի իրենք չենթարկվեն դրան։ Ի՞նչ եք ուզում։ Մարդու համար ամենաբնական գաղափարը, որը ծնվում է ակամա, իր բնավորության խորքից, անմեղ լինելու գաղափարն է։ Այս տեսակետից մենք բոլորս նման ենք այն ֆրանսիացի տղային, որը Բուխենվալդում համառում էր մի բողոքագիր տալ իրենց ելքն ու մուտքը արձանագրող գրասենյակային մի աշխատողի՝ նույնպես բանտարկյալ, որ ուզում էր նրա ազգանունը մտցնել աքսորյալների ցուցակում։ Բողոքագի՞ր։ Արձանագրողն ու նրա բարեկամները ծիծաղում են. «Անօգուտ է, սիրելիս, այստեղ բողոքներ չեն ընդունում»։ «Հարցն այն է, պարոն, որ, հասկանո՞ւմ եք,— ասում էր փոքրիկ ֆրանսիացին,— իմ պարագան բացառիկ է։ Ես անմեղ եմ»։

Մենք բոլորս բացառիկներ ենք։ Մենք բոլորս ուզում ենք կոչ անել ինչ֊որ բանի։ Յուրաքանչյուրը պնդում է անմեղ լինել ինչ֊որ բանով, նույնիսկ՝ եթե դրա համար պետք է մեղադրել ամբողջ մարդկային ցեղը և երկինքը։ Դուք միջակ ուրախություն կպատճառեք որևէ մեկին, եթե նրան հաճոյախոսություն անեք՝ նշելով այն ճիգերը, որոնց շնորհիվ սա դարձել է խելոք ու վեհանձն։ Նա, ընդհակառակը, ուշագնաց կլինի, եթե իր բնական վեհանձնությամբ հիանաք։ Փոխադարձաբար, եթե դուք մի հանցագործի ասեք, որ նրա սխալը ոչ նրա բնավորությունից և ոչ էլ բնությունից, այլ դժբախտ պարագաների բերումով է, նա ձեզ մեծապես երախտապարտ կլինի։ Պաշտպանության ժամանակ նա նույնիսկ ընտրելու այդ պահը՝ լաց լինելու համար։ Թեև ոչ մի արժանիք չկա ի ծնե պատվավոր, խելացի լինելու մեջ։ Կարծես պատասխանատվությունը բնականից հանցագործ լինելու կամ պարագաների բերումով հանցագործ դառնալու մեջ է։ Սիրտը չէր, որ ինձ գործել էր տալիս, երբ իմ բարեկամուհիներից մեկը հոգնում էր մեր կրքի Աուստերլիցին սպասելուց և խոսում էր բաժանվելու մասին։ Անմիջապես ես էի, որ մի քայլ առաջ էի անում. պերճախոս կերպով տեղի էի տալիս։ Ես նրանց մեջ սրտի փափկություն և թուլություն էի արթնացնում, ինքս զգալով միայն դրա երևութականը, պարզապես մի քիչ հուզվելով այդ մերժումից, ահաբեկվելով նրանց սիրո հնարավոր կորստից։ Երբեմն ինձ թվում էր, որ իսկապես տառապում եմ. դա ճիշտ է։ Բայց բավական էր, որ ապստամբուհին իսկապես մեկներ, ես նրան առանց ճիգի մոռանում էի, ինչպես մոռանում էի, երբ որոշած էր լինում, ընդհակառակը, վերադառնալ։ Ոչ, դա սեր չէր, ոչ էլ վեհանձնություն, որ արթնանում էր մեջս, երբ լքվելու վտանգի տակ էի, այլ միայն սիրվելու և ստանալու ցանկությունը, այն, ինչ ինձ պարտական էին։ Սիրվելուց անմիջապես հետո, երբ իմ ընկերուհին նորից էր մոռացվում, ես փայլում էի, ինձ հրաշալի էի զգում, համակրելի դառնում։

Նկատի ունեցեք, վերանվաճելուց անմիջապես հետո զգում էի դրա ծանրությունը։ Իմ ջղագրգռության պահերին ես ինձ ասում էի, որ իդեալական լուծումը կլիներ ինձ հետաքրքող կնոջ մահը։ Այդ մահը մի կողմից վերջնականորեն կարգավորած կլիներ մեր հարաբերությունը, իսկ մյուս կողմից նրան ազատած կլիներ դժգոհությունից։ Բայց հնարավոր չէ ցանկանալ ամբողջ աշխարհի մահը, ոչ էլ մոլորակը զրկել իր բնակչությունից, վայելելու համար այլևս աներևակայելի ազատությունը։ Իմ զգայնությունը և մարդկանց նկատմամբ իմ սերը հակառակ էին դրան։

Միակ խորը զգացումը, որ ունենում էի այս ինտրիգների ժամանակ, շնորհակալության զգացումն էր, երբ ամեն ինչ լավ էր գնում, և երբ ինձ ոչ միայն թողնում էին խաղաղության մեջ, այլ նաև երբ պահպանում էի գնալու և գալու իմ ազատությունը. ավելի քան բարի և ուրախ էի լինում այն կնոջ մոտ, երբ, թողնելով մի ուրիշի անկողինը, նրա հետ էի լինում, կարծես բոլոր կանանց հանդեպ ունեցած պարտքս տալիս էի նրանցից մեկին։ Ինչ էլ լիներ իմ զգացումների երևութական շփոթ վիճակը, իմ ստացած արդյունքը պարզ էր. ես իմ բոլոր սերերին պահում էի իմ շուրջը, որպեսզի դրանցից օգտվեի, երբ ցանկանայի։ Ուրեմն, իմ խոստովանությամբ իսկ, կարող էի ապրել այն պայմանով, եթե ամբողջ երկրի բոլոր էակները կամ հնարավոր ամենամեծ թիվը դարձած լինեին դեպի ինձ, հավերժորեն դատարկ լինեին, զրկված անկախ կյանքից, պատրաստ ուզածս պահին պատասխանելու իմ կանչին, այսինքն՝ լինեին անպտղության դատապարտված մինչև այն օրը, երբ պիտի բարեհաճեի նրանց նպաստավորել իմ լույսով։ Կարճ ասած, որպեսզի ես երջանիկ ապրեի, իմ ընտրած էակները պետք է բոլորովին չապրեին։ Նրանք իրենց կյանքը ժամանակ առ ժամանակ պետք է ստանային միայն իմ հաճույքից։

Ահ, հավատացեք, այս բոլորը ձեզ պատմելուց ես ոչ մի գոհունակություն չեմ զգում։ Երբ մտածում եմ այն շրջանի մասին, երբ ամեն ինչ պահանջում էի առանց ինքս ոչինչ վճարելու, կամ այնքան էակներ զորակոչի էի ենթարկում ինձ ծառայելու համար, կամ նրանց բոլորին ինչ֊որ ձևով դնում էի սառնարանի մեջ, որպեսզի ցանկացած օրս նրանց ունենայի ձեռքիս տակ, ըստ իմ հարմարության, չգիտեմ ինչպես անվանել այս հետաքրքրական զգացումը, որ տիրում էր ինձ։ Ամոթ չէ՞ արդյոք։ Ասացեք ինձ, սիրելի հայրենակից, ամոթը մի քիչ չի՞ այրում մարդուն։ Գուցե հենց ամոթն է կամ ծիծաղելի այն զգացումներից մեկը, որոնք պատվի հետ են առնչվում։ Բոլոր դեպքերում ինձ թվում է, որ այդ զգացումը ինձանից չի հեռացել այդ արկածից հետո, որը գտել եմ իմ հիշողության կենտրոնում, և որը ոչ մի կերպ այլևս չեմ կարող չպատմել։ Հակառակ իմ խոստումներին և հնարովի դարձնելու ճիգերին, հույս ունեմ, որ դուք այն պիտի գնահատեք։

Տեսեք, անձրևը դադարել է։ Բարի եղեք ինձ ուղեկցել մինչև տուն։ Ես հոգնել եմ և, տարօրինակ բան, ոչ թե խոսելուց, այլ միայն այն մտքից, թե դեռևս ինչ պետք է ասեմ։ Դե լավ, մի քանի բառը բավական կլինի վերագծելու համար իմ հիմնական հայտնագործումը։ Ավելին ինչո՞ւ խոսել այդ մասին։ Որպեսզի արձանը մեր առջև կանգնի բոլորովին մերկ, բոլոր գեղեցիկ ճառերը պետք է կորչեն։ Ահավասիկ. նոյեմբերյան մի գիշեր, երկու կամ երեք տարի առաջ այն գիշերվանից, երբ ինձ թվաց, թե ետևիցս ծիծաղի ձայն եմ լսում, ձախ ափն էի անցնում, դեպի տուն, Թագավորական կամրջով։ Կես գիշերից հետո ժամը մեկն էր, մեղմ անձրև էր տեղում, ավելի շուտ մի մառախուղ, որ տարտղնում էր սակավ անցորդներին։ Մի բարեկամուհու մոտից էի գալիս, որը վստահաբար արդեն իսկ քնած կլիներ։ Ուրախ էի ոտքով գնալուս համար, մի փոքր ընդարմացած, հանգստացած մարմինս ողողված էր մի քաղցր արյունով, ինչպես մաղվող անձրևը։ Կամրջի վրա անցնում էի ճաղերին հպված մի մարմնաձևի կողքով, որը թվում էր, թե գետն էր դիտում։ Ավելի մոտենալով, նկատեցի սևեր հագած մի նրբակազմ երիտասարդ կնոջ։ Մութ մազերի և վերարկուի օձիքի արանքից երևում էր միայն ծոծրակը, թարմ ու թրջված, որը հուզեց ինձ։ Մի փոքր տատանվելուց հետո ճամփաս շարունակեցի։ Կամրջի ծայրին թեքվեցի դեպի քարափը՝ Սեն֊Միշելի ուղղությամբ, որտեղ ապրում էի։ Մոտավորապես հիսուն մետր արդեն անցել էի, երբ լսեցի ջրի մեջ ընկնող մարմնի աղմուկը, որ, հակառակ հեռավորությանը, գիշերային լռության մեջ ինձ ահավոր թվաց։ Ես միանգամից կանգնեցի, բայց ետ չդարձա։ Համարյա անմիջապես մի քանի անգամ կրկնվող ճիչ լսեցի, որը նույնպես գետով իջնում էր, և որը միանգամից մարեց։ Հաջորդող լռությունը հանկարծ սառած գիշերվա մեջ ինձ անվերջ թվաց։ Ես ուզեցի վազել, բայց տեղիցս չէի շարժվում։ Դողում էի, հավանաբար ցրտից և բուռն հուզմունքից։ Ես ինձ ասում էի, որ պետք էր շտապել և զգում էի անդիմադրելի մի թուլություն, որ տիրում էր մարմնիս։ Մոռացել եմ, թե ինչ եմ մտածել այդ ժամանակ։ «Շատ ուշ է, շատ հեռու է...» և կամ սրա նման բաներ։ Միշտ անշարժ շարունակում էի լսել։ Հետո մանր քայլերով հեռացա։ Եղածի մասին ոչ ոքի չհայտնեցի։

Բայց մենք արդեն հասել ենք. ահա իմ տունը, իմ ապաստարանը։ Վա՞ղը։ Այո, ինչպես ցանկանում եք։ Ես սիրով ձեզ կտանեմ Մարկենի կղզին, դուք կտեսնեք Զույդերզեն։ Ժամադրվենք ժամը տասնմեկին՝ «Մեքսիկո֊սիտիում»։ Ինչպե՞ս։ Այդ կի՞նը։ Ահ, ճիշտն ասած, չգիտեմ։ Չգիտեմ։ Ոչ հաջորդ օրը, ոչ էլ հաջորդող օրերին, թերթերը չկարդացի։


  • * *

Տիկնիկների գյուղ է կարծես, այդպես չէ՞։ Շատ նկարչագեղ է։ Բայց ես ձեզ այստեղ չեմ առաջնորդել տեսարանի նկարչագեղության համար, սիրելի բարեկամ։ Ամեն մարդ կարող է ձեզ հիացնել գյուղական մազահարդարումներով, փայտե կոշիկներով կամ զարդանկարված տներով ու մոմաներկի բույրի մեջ ծխող ձկնորսներով։ Ես այն բացառիկներից եմ, ընդհակառակը, որ կարող է ձեզ ցույց տալ ինչ իսկապես կարևոր է այստեղ։

Հասնում ենք թմբին։ Որպեսզի հնարավորին չափ հեռու լինենք այս շատ վայելուչ տներից, պետք է հետևենք թմբին։ Նստենք, խնդրում եմ։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։ Ամենամռայլ բնանկարներից ամենագեղեցիկը չէ՞ սա։ Նայեցեք մեր ձախ կողմը, այս մոխրակույտին, որ այստեղ ավազակույտ են կոչում, աջ կողմի գորշ թմբին, մեր ոտքերի տակ փռվող կապտավուն ափին և մեր առջևի լվացքաջրի գույնի ծովին, ընդարձակ երկնքին, ուր անդրադառնում են դժգույն ջրերը։ Մի իսկական խոնավ դժոխք։ Ամեն ինչ հորիզոնական է, ոչ մի սլաք, տարածությունը անգույն է, կյանքը՝ մեռած։ Արդյոք դա տիեզերական ջնջում չէ՞, աչքերին մատչելի ոչնչությունը։ Մարդիկ չկան, հատկապես մարդիկ չկան։ Միայն դուք և ես ենք մոլորակի վրա, որը վերջապես անապատացել է։ Երկինքը կենդանի՞ է։ Դուք իրավացի եք, սիրելի բարեկամ։ Այն թանձրանում է, հետո պատառոտվում, օդի սանդուղքներ բացում, ամպի դռներ փակում։ Աղավնիներ են։ Չե՞ք նկատել, որ Հոլանդիայի երկինքը լեցուն է միլիոնավոր անտեսանելի աղավնիներով, որովհետև շատ բարձրում են մնում, միևնույն շարժումով թափահարելով բարձրանում կամ իջնում են, երկնային տարածությունը լցնելով գորշագույն և հաստ փետուրներով, որոնք քամին տարուբերում է։ Աղավնիները սպասում են։ Վերևում, ամբողջ տարին, նրանք սպասում են։ Նրանք պտտվում են երկրի վրա, նայում են ցած, ուզենալով իջնել։ Բայց իջնելու ոչ մի տեղ չկա. բացի ծովից ու ջրանցքներից, ցուցանակներով պատած տանիքներից՝ և ոչ մի տեղ, ուր հնարավոր լիներ հանգստանալ։

Չե՞ք հասկանում, թե ինչ եմ ուզում ասել։ Խոստովանում եմ, որ հոգնած եմ։ Խոսքիս թելը կորցնում եմ և այլևս չունեմ մտածողության այն հստակությունը, որը բարեկամներս ուրախությամբ գովում էին։ Ասում եմ՝ բարեկամներս, պարզապես սկզբունքի համար։ Ես այլևս բարեկամներ չունեմ, այժմ ես միայն մեղսակիցներ ունեմ։ Կարծես պակասող բարեկամներիս տեղը բռնելու համար՝ մեղսակիցներիս թիվը բազմացել է, ամբողջ մարդկային ցեղն է դարձել, և մարդկային ցեղում առաջին հերթին՝ դուք։ Ով մոտս է, միշտ առաջինն է։ Որտեղից գիտեմ, թե բարեկամ չունե՞մ։ Շատ պարզ է։ Ես այդ հայտնագործել եմ այն օրը, երբ մտածեցի ինքնասպան լինել, նրանց խաղի բերելու համար, ինչ֊որ ձևով նրանց պատմելու համար։ Բայց ո՞ւմ պատժել։ Մի քանիսը պիտի անակնկալի գային, ոչ ոք պատժված չէր զգալու։ Ես հասկացա, որ բարեկամներ չունեի։ Թեև, եթե նույնիսկ ունենայի, ոչ մի բան փոխված չէր լինելու։ Եթե կարողանայի ինքնասպան լինել և հետո տեսնել նրանց գլուխները, այդ ժամանակ խաղը կարժենար։ Բայց հողը մութ է, սիրելի բարեկամ, փայտը՝ պինդ, պատանքը հաստ է և անթափանց։ Հոգու աչքերը կան, այո, անկասկած, եթե որևէ հոգի կա և այն էլ՝ եթե աչքեր ունի։ Բայց ահա վստահ չես, երբեք վստահ լինել չես կարող։ Եթե ոչ, մի ելք կլիներ, հնարավոր կլիներ լուրջ ընդունել։ Մարդիկ համոզվում են ձեր իրավացիության, ձեր անկեղծության և ձեր վշտերի լրջությանը միայն ձեր մահով։ Քանի դեռ ապրում եք, ձեր պարագան կասկածելի է, դուք իրավունք ունեք հուսալ միայն նրանց կասկածամտությունը։ Ուրեմն, եթե թեկուզ մի երաշխիք լիներ, որ կարող եք վայելել ներկայացումը, արժեր նրանց ապացուցել այն, ինչին նրանք հավատալ չեն ուզում, և նրանց զարմացնել։ Բայց այս խաբեբաները թողություն են խնդրում, այսինքն՝ անպատասխանատվություն. նրանք առանց ամոթի բնությունից ու շրջապատից արդարացումներ են պահանջում, նույնիսկ՝ եթե դրանք չհակադրվեն։ Կարևորը այն է, որ անմեղ լինեն, որ նրանց առաքինությունը, ծնունդի պատճառով, չի կարող կասկածի տակ դրվել, և որ իրենց սխալները, անցողիկ դժբախտությունից ծնված, միշտ ժամանակավոր լինեն։ Ես ձեզ ասում եմ՝ խոսքը դատավճռից խուսափելու մասին է։ Քանի որ դժվար է այդ անել և նույնքան նուրբ գործ է իր բնավորությունով հիացնելն ու ներողամտության հասնելը, նրանք ձգտում են հար տության։ Ինչո՞ւ։ Մի՞թե պարզ չէ։ Ուժի համար։ Մասնավորապես այն բանի համար, որ հարստությունը պաշտպանում է անմիջական դատապարտությունից, ձեզ անջատում է մետրոյի ամբոխից, դնում նիկելապատ մի ավտոմեքենայի մեջ, ձեզ բաժանում է պարսպապատ մեծ այգիներով, փափուկ վագոնների լյուքս խցիկներով։ Հարստությունը, սիրելի բարեկամ, դեռևս արդարացումը չէ, այլ դատի հետաձգումը, բայց բոլոր դեպքերում արժե ունենալ...

Ձեր բարեկամներին մի հավատացեք, մանավանդ, երբ նրանք ուզում են, որ իրենց հետ անկեղծ լինեք։ Նրանք հույս ունեն միայն, որ դուք պիտի քաջալերեք իրենց իսկ մասին ունեցած լավ կարծիքը, նրանց տալով հավելյալ վստահություն՝ ձեր անկեղծության խոստովանությամբ։ Ինչպե՞ս կարող է անկեղծությունը բարեկամության պայման լինել։ Ճշմարտասիրությունը մի կիրք է, որ ոչինչ չի խնայում, և որին ոչինչ չի կարող դիմադրել։ Դա ախտ է, երբեմն հանգստավետություն կամ եսասիրություն։ Եթե, ուրեմն, դուք այդ վիճակում եք, մի տատանվեք. խոստացեք ճշմարիտ լինել և ստեք, որքան կարող եք։ Դուք պատասխանած կլինեք նրանց խորունկ ցանկությանը և կրկնակիորեն ապացուցած ձեր համակրանքը։

Անկեղծության մասին խոսելիս պետք է ընդունեք, որ մենք բացառիկ դեպքում ենք միայն վստահում մեզնից լավ մարդկանց։ Ավելի շուտ փախչում ենք նրանց ընկերությունից։ Հաճախ, ընդհակառակը, մենք խոստովանում ենք նրանց, ովքեր մեզ նման են և ովքեր բաժանում են մեր թուլությունները։ Ուրեմն՝ չենք ուզում մենք մեզ սրբագրել, ոչ էլ բարելավել. անհրաժեշտ կլիներ, որ մենք դատվեինք մեր թերություններով հանդերձ։ Մենք ցանկանում ենք միայն, որ մեզ խղճան և քաջալերեն մեր ճանապարհին։ Կարճ ասած, մենք ցանկանում ենք հանցավոր չլինել և միաժամանակ մաքրվելու ճիգ չանել։ Ոչ բավարար չափով ցինիզմ ունենք, ոչ էլ բավականաչափ առաքինություն։ Մենք ո՛չ չարի ուժը ունենք, ո՛չ էլ բարու ուժը։ Ճանաչո՞ւմ եք Դանտեին։ Իսկապե՞ս։ Սատանան տանի։ Ուրեմն դուք գիտեք, որ Դանտեն ընդունում է չեզոք հրեշտակների գոյությունը Աստծո և Սատանայի վեճի մեջ։ Եվ նրանց տեղավորում է մի նեղ եզրաշերտում, դժոխքի մի տեսակ, միջանցքում։ Մենք միջանցքում ենք, սիրելի բարեկամ։

Համբերությո՞ւն։ Դուք անշուշտ իրավացի եք։ Մեզ անշուշտ համբերություն է պետք Վերջին դատաստանին սպասելու համար։ Բայց, ահա, մենք շտապում ենք։ Այնքան ենք շտապում, որ ստիպված էի խոստովանեցնող֊դատավոր դառնալ։ Ստիպված էի կարգավորել իմ հայտնագործությունները և նույն ժամանակ գործերս համաձայնեցնել ժամանակակիցներիս ժպիտների հետ։ Այն գիշերվանից, երբ կանչվեցի, որովհետև իսկապես կանչվեցի, պարտավոր էի պատասխանել կամ առնվազն պատասխանը փնտրել։ Հեշտ չէր, ես երկար մոլորվեցի։ Նախ անհրաժեշտ եղավ, որ տևական ծիծաղը և ծիծաղողները ինձ սովորեցնեին ավելի հստակ տեսնել ինքս ինձ, հայտնագործել ի վերջո, որ ես հակասություններով լեցուն էի։ Մի ժպտացեք, այս ճշմարտությունը այնքան հասարակ չէ, որքան թվում է. հասարակ, տարրական են կոչվում այն ճշմարտությունները, որոնք բոլորից հետո են հայտնագործվում։

Եվ այսպես, ինքս իմ վրա կատարած երկար ուսումնասիրությունից հետո գտա մարդ էակի խորապես երկակի բնույթը։ Այդ ժամանակ, իմ հիշողության մեջ խորանալով, ես հասկացա, որ համեստությունը օգնում է ինձ փայլել, խոնարհությունը՝ հաղթել և առաքինությունը՝ ճնշել։ Խաղաղ միջոցներով ես պատերազմում էի և, ի վերջո, չշահագրգռվելու միջոցով ստանում էի ցանկացածս։ Օրինակ, երբեք չէի բողոքում, երբ բարեկամներս մոռանում էին իմ ծննդյան տարեդարձը. նրանք նույնիսկ զարմանում էին, հիացումի ինչ֊որ չափով, այդ հարցի նկատմամբ իմ գաղտնապահության համար։ Բայց անշահախնդրությունս ավելի գաղտնի պատճառներ ուներ, ես ուզում էի մոռացված լինել, որպեսզի կարողանայի ինքս ինձ բողոքել։ Տարեդարձիս նշանավոր օրվանից օրեր առաջ, որը ես շատ լավ հիշում էի, դարանակալ սպասում էի, որ ոչ մի բան բաց չթողնեմ, որը կարող լիներ ուշադրություն գրավել և արթնացնել այն մարդկանց հիշողությունը, որի թուլացմանը այնպես հետևում էի (չէ՞ որ մի օր հասա այն աստիճանի, որ մի բարեկամի օրացույցը կեղծեցի): Երբ իմ մենակությունը ամբողջովին ապացուցված էր լինում, ես կարող էի ինձ ենթարկել ինքնախղճահարման առնական հաճույքին։

Իմ բոլոր առաքինությունները ունեին առավել քիչ ազդեցիկ հակառակ կողմ, թեև, ինչ֊որ իմաստով, իմ թերությունները իմ օգտին էին։ Իմ կյանքի թերի կողմերը պահելու պարտավորվածությունս ինձ տալիս էր, օրինակ, սառը տեսք, որ շփոթում էին առաքինության հետ, իմ անտարբերությունը ինձ սիրել էր տալիս, իմ եսասիրությունը իր գագաթնակետին էր հասնում իմ առատաձեռնության մեջ։ Կանգ եմ առնում այդտեղ. շատ զուգահեռականներ անցկացնելը կփչացներ իմ անձի ցուցադրումը։ Բայց ի՞նչ, ես ինձ կարծր էի ցույց տալիս, մինչդեռ երբեք չեմ կարողացել մերժել ոչ մի բաժակ, ոչ էլ մի կնոջ։ Ինձ համարում էի ակտիվ, կորովի, իմ թագավորությունն անկողինն էր։ Ես իմ հավատարմությունը բղավում էի, և կարծես չկա իմ սիրած էակներից որևէ մեկը, որին ի վերջո դավաճանած չլինեմ։ Անշուշտ, իմ դավաճանությունները իմ հավատարմությանը չէին խանգարում, կուտակված մի հսկա գործ ես ներողամտությամբ գետին էի տապալում, երբեք չեմ դադարել օգնել իմ հարևանին, թեև դա անում էի իմ հաճույքի համար։ Բայց որքան շատ էի նման փաստեր կրկնում ինքս ինձ, միայն մակերեսային մխիթարանքներ էի ստանում։ Որոշ առավոտներ իմ դեմ եղած մեղադրանքը ուսումնասիրում էի մինչև վերջ և հասնում այն եզրակացության, թե ամենից շատ ես նշանավոր էի իմ արհամարհանքով։ Նույնիսկ նրանք, որոնց ես ամենից շատ էի օգնում, հաճախ ամենից շատ արհամարհվածներն էին։ Քաղաքավարությամբ, հուզմունքով լեցուն համերաշխությամբ ես ամեն օր թքում էի բոլոր կույրերի երեսին։

Անկեղծորեն, սրա համար կա՞ որևէ արդարացում։ Կա, բայց այնքան խեղճ, որ չեմ կարող մտածել այն արժեքավորելու մասին։ Բոլոր դեպքերում, ահա այն. ես երբեք չեմ կարողացել խորապես հավատալ, որ մարդկային գործերը լուրջ գործեր լինեն։ Ո՞ւր էր լրջությունը, չգիտեի. իմ բոլոր տեսածները ինձ թվում էին պարզապես զվարճալի կամ ձանձրալի խաղ։ Անշուշտ կան ճիգեր և գաղափարներ, որոնք երբեք չեմ հասկացել։ Ես միշտ զարմացած և մի քիչ էլ կասկածոտ նայում էի այն տարօրինակ էակներին, որոնք մեռնում էին փողի համար և հուսահատվում մի «պաշտոնի» կորստով և կամ մեծ հովերով զոհաբերվում էին իրենց ընտանիքի բարգավաճման համար։ Ես ավելի լավ հասկանում էի այն բարեկամին, որ որոշել էր ծխելը թողնել, և կամքի ուժով հաջողվել էր։ Մի առավոտ նա բացեց օրվա թերթը և կարդաց, որ առաջին ջերմամիջուկային ռումբը արդեն պայթեցվել է, տեղեկություններ ստացավ դրա հրաշալի արդյունքների մասին և, առանց ուշանալու, ծխախոտի մի խանութ մտավ։

Անկասկած, երբեմն ցույց էի տալիս, որ կյանքին լուրջ եմ վերաբերվում։ Բայց շատ արագ երևում էր լրջության ունայնությունը, և ես պարզապես շարունակում էի իմ դերը խաղալ, որքան հնարավոր է լավ։ Ես ինձ ցույց էի տալիս ազդեցիկ, խելոք, առաքինի, լավ քաղաքացի, վիրավորված, ներողամիտ, պատասխանատու, լրջախոհ... Կարճ ասած, ես կանգ եմ առնում, դուք արդեն հասկացեք, որ ես հոլանդացիների նման էի, որոնք այստեղ են առանց այստեղ լինելու. ես բացակա էի այն պահին, երբ բոլորից շատ տեղ էի գրավում։ Ես իսկապես լուրջ և խանդավառ եմ եղել միայն այն ժամանակ, երբ սպորտով էի զբաղվում, և բանակում, երբ խաղում էի այն պիեսներում, որոնք բեմադրում էինք մեր հաճույքի համար։ Երկու դեպքում էլ կար խաղի օրենքը, որ լուրջ չէր, և հաճելի էր դրանք իրենց եղածի պես ընդունելը։ Նույնիսկ այժմ կիրակնօրյա մրցումները, պայթելու աստիճան լեցուն մարզադաշտը և թատրոնը, որը ես սիրել եմ հավասարը չունեցող կրքով, աշխարհի միակ վայրերն են, ուր ես ինձ անմեղ եմ զգում։

Բայց ո՞վ պիտի ընդունի, որ նման վերաբերմունքը օրինավոր է, երբ խոսքը վերաբերում է սիրո, մահվան և թշվառների օրավարձին։ Սակայն ի՞նչ անել։ Իզոլդայի սերը ես պատկերացնում էի միայն վեպերում և կամ բեմի վրա։ Մահամերձները երբեմն ինձ թվում էին իրենց դերերի մեջ համոզվածներ։ Իմ աղքատ հաճախորդների պատասխանները այնքան նման էին լինում իրար, որ դժվար էր անկեղծ համարել։ Այդ օրվանից, ապրելով մարդկանց մեջ՝ առանց բաժանելունրանց շահերը, չէի կարողանում հավատալ իմ ստանձնած պարտավորություններին։ Ես բավականին քաղաքավարի և բավականին բարի էի, ուզում էի անել այն, ինչ սպասում էին ինձնից, այդպես էի իմ մասնագիտության մեջ, իմ ընտանիքում կամ քաղաքացու իմ կյանքում, բայց ամեն անգամ, հանդիպելով մի տեսակ անտարբերության, ամեն ինչ փչանում էր, ոչնչի հավասարվում։ Իմ ամբողջ կյանքը ես ապրեցի կրկնակի խորհրդանիշի տակ, իմ ամենալուրջ արարքները կատարելիս ես շատ սառն էի։ Ի հավելումն իմ հիմարություններին, ի վերջո երկվությունն էր, որ ես չկարողացա ներել ինքս ինձ, որ ինձ ավելի բուռն կերպով ոտքի հանեց դատապարտվածության դեմ, որը զգում էի իմ մեջ և իմ շուրջը, և որը ինձ ստիպեց մի ելք փնտրել։

Իմ կյանքը, երևութապես, որոշ ժամանակ շարունակվեց այնպես, կարծես ոչինչ չէր փոխվել։ Ես անիվների վրա էի և արագ առաջ էի շարժվում։ Գովասանքները հատուկ կերպով կարծես կրկնապատկվում էին շուրջս։ Եվ հենց այդտեղից եկավ չարիքը։ Դուք հիշո՞ւմ եք. «Վայ ձեզ, երբ բոլոր մարդիկ ձեր մասին լավ են խոսում»։ Սրանք ոսկի խոսքեր են։ Վայ ինձ. մեքենան ուրեմն սկսեց քմահաճույքներ անել, անբացատրելի կանգ առնել։

Այդ պահին էր, որ մահվան գաղափարը մուտք գործեց իմ առօրյա կյանքում։ Ես չափում էի ինձ իմ վախճանից բաժանող տարիները։ Իմ տարիքի մարդկանց օրինակներ էի փնտրում, որոնք արդեն մեռած էին։ Եվ ես տակնուվրա էի լինում այն գաղափարից, որ իմ գործը վերջացնելու ժամանակ չեմ ունենա։ Ին՞չ գործ։ Չգիտեի։ Անկեղծորեն ասած, այն, ինչ անում էի, արժեր շարունակել։ Բայց հարցը այդ չէր։ Ծիծաղելի մի վախ հետապնդում էր ինձ, իսկապես, չի կարելի մեռնել առանց սեփական բոլոր ստախոսությունները խոստովանելու։ Ոչ Աստծուն, ոչ էլ նրա ներկայացուցիչներից որևէ մեկին. ես դրանից բարձր էի, հուսով եմ, որ հավատում եք դրան։ Ոչ, խոսքը մարդկանց խոստովանելու մասին էր, մի բարեկամի կամ սիրած մի կնոջ, օրինակ։ Հակառակ դեպքում, եթե կյանքում մի սուտ իսկ պահված լիներ, մահը այն վերջնական կդարձներ։ Այլևս ոչ ոք չէր իմանա ճշմարտությունը այս հարցում, քանի որ միակ մարդը, որ այն գիտեր, հենց ինքը, մահացածն էր, որ հետը գերեզման էր տարել։ Ճշմարտության այս բացարձակ մարդասպանը ինձ դող էր պատճառում։ Այսօր, փակագծերի մեջ պետք է ասեմ, նման միտքը ինձ ավելի շուտ հաճույք պիտի պատճառեր։ Միակ գաղափարը, օրինակի համար, որ ես միակ իմացողն եմ, այն, ինչ ամեն մարդ փնտրում է, որ ինձ մոտ գտնվում է մի առարկա, որը ապարդյուն կերպով վազել է տվել բազմաթիվ ոստիկանների, պարզապես հրաշալի է։ Բայց թողնենք այդ։ Այդ ժամանակ ես դեռ հասույթը չէի գանձել և դրա համար տառապում էի։

Անկասկած ես ինձ թափ էի տալիս։ Ի՞նչ կարևորություն ուներ մի մարդու սուտը սերունդների պատմության մեջ և ի՞նչ հավակնություն ցանկանալ ճշմարտության լույսի մեջ բերել դարերի օվկիանոսում կորած մի թշվառ խաբեություն, ինչպես ավազի հատիկը ծովում։ Ես ինձ ասում էի նաև, որ մարմնի մահը, եթե դատելու լինեի նրանցով, ինչ տեսել էի, ինքն իր մեջ բավարար պատիժ էր ծածկելու համար որևէ հանցանք։ Մարդը իր փրկությունը գտնում էր (այսինքն՝ վերջնականորեն ջնջվելու իրավունքը) մահվան քրտինքների մեջ։ Բայց, հակառակ դրան՝ չարիքը մեծանում էր, մահը հավատարիմ կանգնում էր իմ մահճի գլխավերևում, ես քնում և արթնանում էի նրա հետ, և ծանոթներիս գովասանքներն ու հաճոյախոսությունները գնալով անտանելի էին դառնում։ Ինձ թվում էր, որ սուտը դրանց հետ աճում էր այնքան անչափելիորեն, որ այլևս երբեք չէի կարող ինձ ուղղել։

Հասավ մի օր, որ այլևս չդիմացա։ Իմ առաջին հակազդեցությունը անկանոն էր։ Քանի որ ստախոս էի, պետք է այն արտահայտեի և իմ էության երկակիությունը նետեի բոլոր այդ ապուշների երեսին, նախքան այդ ճշմարտության նրանց հայտնագործելը։ Քանի որ ճշմարտությունը ասպարեզ էր կանչում, ես պետք է մարտահրավերը ընդունեի։ Ծիծաղը կանխելու համար ես ինձ նետում էի ընդհանուր ծաղրանքի գիրկը։ Ի վերջո, խոսքը դարձյալ գնում էր դատապարտվածությունից խուսափելու մասին։ Ես ուզում էի, որ ծիծաղողները իմ կողմը լինեին կամ, առնվազն, ես լինեի նրանց կողմը։ Ես երազում էի փողոցում կույրերին հրմշտել, և այդ միտքը ինձ պատճառում էր անխոստովանելի չարախնդություն, և դրանով էլ հայտնագործում էի, թե ինչ աստիճան իմ հոգու մի մասը արհմարհում էր նրանց։ Ծրագրում էի պայթեցնել հաշմանդամների փոքրիկ ավտոմեքենաների դողերը, շինարարության վրա աշխատող բանվորներին բղավել «կեղտոտ աղքատներ», մետրոյում ապտակել ծծկեր երեխաներին։ Այս բոլորի մասին երազում էի, սակայն ոչինչ չէի անում կամ, եթե նույնիսկ դրա նման մի բան էլ անում էի, անմիջապես մոռանում էի։ Բոլոր դեպքերում նույնիսկ «արդարություն» բառը ինձ տարօրինակ կատաղության մեջ էր գցում։ Ես շարունակում էի այն ստիպված օգտագործել իմ պաշտոնական ճառերում։ Բայց դրանից, վրեժ էի լուծում՝ հանրության առաջ անիծելով մարդկության գաղափարը. ես հայտարարում էի այն հրամանագրի հռչակման անհրաժեշտությունը, որ վերացներ ճնշվածների կողմից ազնիվ մարդկանց վրա գործադրված ճնշումը։ Մի օր, երբ ես խեցգետին էի ուտում ճաշարանի պատշգամբում, մի մուրացկան սկսեց անհանգստացնել ինձ. ես իսկույն կանչեցի ճաշարանատիրոջն ու խնդրեցի նրան վռնդել և բարձրաձայն ծափահարեցի այս դատավորի ճառը. «Մի խանգարեք այս տիկիններին և պարոններին, մի պահ դուք ձեզ դրեք նրանց տեղը»։ Ես բոլորին ասում էի նաև իմ ցավը, որ հնարավոր չէր այլևս գործել այն ռուս կալվածատիրոջ նման, որի բնավորությամբ հիանում էի։ Նա խարազանով ծեծել էր տալիս իր գյուղացիներից նրանց, ովքեր բարևում էին իրեն, և նրանց, ովքեր չէին բարևում, պատժելու համար մի համարձակություն, որը երկու դեպքում էլ նա համարում էր հավասարապես վիրավորական։

Հիշում եմ նաև ավելի լուրջ զեղումներ։ Ես գրեցի «Գեղոն ոստիկանին» և «Կառափնարանի աստվածացումը» բանաստեղծությունները։ Ինձ ստիպելով, կանոնավոր կերպով այցելում էի մասնագիտացված սրճարաններ, ուր հավաքվում են մեր պրոֆեսիոնալ հումանիստները։ Իմ լավ անցյալի պատճառով, բնականաբար, ինձ լավ էին ընդունում։ Այնտեղ, կարծես առանց նպատակադրվելու, ես մի մեծ բառ էի բաց թողնում։ «Փառք Աստծու» ասում էի, կամ, ավելին, պարզապես՝ Աստված իմ... և դուք պետք է տեսնեիք, թե ինչ ամաչկոտ երեխաներ են մեր սրճարանային աթեիստները։ Այս սարսափելի հայտարարությունը մի պահ շփոթություն էր ստեղծում, նրանք իրար էին նայում, հետո պայթում էր ժխորը, ոմանք սրճարանից դուրս էին փախչում, ուրիշները բարկությունից այնպես էին վրա տալիս, որ հնարավոր չէր հասկանալ կամ լսել, բոլորը ջղաձգությունից խեղդվում էին, կարծես սատանան սուրբ ջրի մեջ մտած լիներ։

Դուք այս բոլորը կարող եք երեխայական համարել։ Գուցե այս կատակների համար ավելի լուրջ պատճառներ կային։ Ես ուզում էի խաղը խանգարել և, մանավանդ, այո՛, ուզում էի փուլ տալ այն շոյիչ համբավը, որի մասին մտածելն անգամ ինձ կատաղեցնում էր։ «Ձեզ Նման մի մարդու...»,— ասում էին։ Նրանց հարգանքի կարիքը չունեի, քանի որ այն բոլորին չէր տրվում, և ինչպե՞ս կարող էր բոլորին տրվել, քանի որ այն չէի կարող բաժանել։ Հետևաբար ավելի լավ էր ամեն ինչ, դատողություն և հարգանք, ծածկել ծիծաղելիության թիկնոցով։ Պետք էր ազատվել բոլոր տեսակի զգացումներից, որոնք խեղդում էին ինձ։ Հայացքների առջև բացվելու, ցույց տալու համար, թե ինչ ունեի կրծքիս տակ, ուզում էի ջարդել֊բացել այն գեղեցիկ մանեկենը, որը ներկայացնում էի ամեն տեղ։ Հիշում եմ մի զրույց, որ պետք է ունենայի երիտասարդ իրավաբանների առջև, որոնք ստաժավորվում էին։ Զայրացած ինձ ներկայացնող իրավաբանների կոլեգիայի նախագահի անհավատալի գովասանքներից, ես երկար չկարողացա դիմանալ։ Իմ ելույթը սկսել էի ինձնից սպասվող խանդավառությամբ և հուզումով, մի բան, որ ըստ պահանջի արտաբերելը, ինձ համար ոչ մի դժվարություն չէր ներկայացնում։ Բայց հանկարծ սկսեցի ամեն ինչ իրար խառնելը ներկայացնել որպես պաշտպանության միջոց։ «Բայց ես նկատի ունեմ,— ասացի նրանց,— ոչ այն խառնաշփոթը, որից օգտվում են ժամանակակից կատարելագործված հավատաքննության մեջ, որոնք միևնույն ժամանակ դատում են և գողին և պատվավոր մարդուն, առաջինի ոճիրներով երկրորդին ընկճելու, այլ՝ ընդհակառակը, ես ուզում եմ պաշտպանել գողին՝ ընդգծելով պատվավոր մարդու, այս դեպքում իրավաբանի ոճիրները»։ Վերջին կետի մասին ես շատ հստակորեն էի արտահայտվում։

«Ենթադրենք, որ ես ընդունել եմ պաշտպանությունը համակրելի մի քաղաքացու, որը խանդից սպանություն է կատարել։ Նկատի ունեցեք, պարոն երդվյալներ, պետք է ասեմ, թե ինչքան ներելի է բարկությունը, երբ մեկը տեսնում է, թե ինչպես իր բնական բարությունը չարաշահվում է գեղեցիկ սեռի կողմից։ Մի՞թե ավելի լուրջ բան չէ, ընդհակառակը, նստարանի այս կողմում՝ իմ նստարանին լինելը առանց երբևէ բարի լինելու, ոչ էլ խաբված լինելուց տառապելու։ Ես ազատ եմ, ազատ ձեր խստություններից, բայց ո՞վ եմ ես, իսկապես։ Մի հպարտ ու աչքի ընկնող քաղաքացի, մի հարուստ ու ճոխ ապրող նոխազ, մի բարկացած փարավոն, արևելյան մի ծույլ տիրակալ։ Ես ոչ ոքի չեմ սպանել։ Անկասկած, դեռևս ոչ։ Բայց արդյո՞ք արժանավոր մարդկային էակներ չեմ թողել, որ աչքիս առջև մահանան։ Գուցե։ Եվ գուցե պատրա՞ստ եմ նույնը կրկնելու։ Բայց նայեցեք այս մեկին, նա այլևս չի կրկնի այն, ինչ արել է։ Նա դեռևս հուզված է իր կատարածի, իր քայլի համար»։ Այս ճառը մի քիչ հուզեց իմ երիտասարդ պաշտոնակիցներին։ Մի պահ հետո նրանք սկսեցին ծիծաղել։ Նրանք իրենց լրիվ ապահով զգացին իմ ճառի եզրակացությանը հասնելիս, երբ պերճախոս կերպով վեր հանեցի անհատի մարդկային գծերը և նրա ենթադրյալ իրավունքները։ Այդ օրը, ի վերջո, սովորույթը ավելի ուժեղ եղավ ինձնից։

Ժամանակ առ ժամանակ, կրկնելով այս հաճելի արտառոցությունները, ինձ հաջողվեց միայն մարդկանց կարծիքը մի քիչ ապակողմնորոշել։ Ոչ թե նրանց զինաթափ անել, ոչ էլ, հատկապես, ինձ զինաթափ անել։ Զարմանքը, որ ընդհանրապես նկատում էի իմ ունկնդիրների մեջ, նրանց մի քիչ լուռ և մտախոհ անհանգստությունը, բավականին նման ձեր ցույց տվածին,— ոչ մի բողոք,— ինձ ոչ մի թեթևացում չէր բերում։ Տեսնո՞ւմ եք, ինքն իրեն մեղադրելը բավական չէ չքմեղանալու համար. այդպես լինելու դեպքում ես վաղուց մի անմեղ գառ դարձած կլինեի։ Պետք էր այնպիսի ձևով ինքնիրեն մեղադրել, մի բան, որը հասկանալու և կարողանալու համար բավական ժամանակ պետք եղավ, և որը չգտա, մինչև ինքս ինձ գտնեի ամենակատարյալ լքումի մեջ։ Իսկ մինչ այդ ծիծաղը շարունակեց հնչել շուրջս, և իմ անկանոն ճիգերը չկարողացան նրանից խլել ինչ֊որ հովանավորող, համարյա քնքուշ շեշտը, որը ինձ վիրավորում էր։

Բայց ինձ թվում է, որ ծովը բարձրանում է։ Շուտով մեր նավը ճանապարհ կընկնի, օրը ավարտվում է։ Նայեցեք, աղավնիները հավաքվում են երկնքում։ Մեկը մյուսի մոտ է շտապում, հազիվ են շարժվում, և լույսը պակասում է։ Եթե դեմ չեք, եկեք լռենք և ավելի լավ վայելենք այս բավականին աղետաբեր ժամը։ Ո՞չ, ես ձեզ հետաքրքրո՞ւմ եմ։ Դուք շատ քաղաքավարի եք։ Ավելի շուտ, ձեզ իսկապես հետաքրքրելու վտանգին եմ. ինձ այժմ ենթարկում։ Նախքան բացատրելս, թե ինչ բան է խոստովանող դատավորը, պետք է ձեզ հետ խոսեմ շվայտության և անհարմարավետության մասին։


  • * *

Սխալվում եք, սիրելիս, նավը լրիվ արագությամբ է գնում։ Բայց Զույդերզեն մեռած ծով է, կամ համարյա թե մեռած։ Մառախուղի մեջ կորած իր հարթ ափերի պատճառով մարդ չի իմանում՝ որտեղ է սկսվում այն և որտեղ վերջանում։ Մենք առաջ ենք գնում առանց որևէ տեղանշանի և, հետևաբար, չենք կարող իմանալ մեր արագությունը։ Մենք առաջ ենք գնում, իսկ մեր շուրջը ոչինչ չի փոխվում։ Սա նավարկություն չէ, կարծես երազում լինենք։

Հունական կղզիներում ինձ հակառակն էր թվում։ Միշտ նոր կղզիներ էին երևում հորիզոնի վրա։ Նրանց մերկ գծերը ցույց էին տալիս երկնքի սահմանը, նրանց ժայռոտ ափերը հստակորեն բաժանում էին երկինքն ու ծովը։ Ոչ մի շփոթ. հստակ լուսավորության մեջ ամեն ինչ տեղանշան էր դառնում։ Եվ երբ մեր փոքր նավով, առանց կանգ առնելու, գիշեր ու ցերեկ առաջ էինք շարժվում ու մի կղզուց մյուսն անցնում, ինձ թվում էր, որ մենք մի ալիքի կատարից անցնում էինք մյուսը, փրփուրով և ծիծաղով լեցուն ընթացքի մեջ։ Այդ ժամանակից Հունաստանը իմ մեջ, իմ հիշողության ափում լողում է անդադար... Էհ, ես ինքս արդեն լողում եմ, զգացական եմ դառնում։ Կանգնեցրու ինձ, սիրելիս, խնդրում եմ։

Ի միջի այլոց, եղե՞լ եք Հունասստանում։ Ո՞չ։ Ավելի լավ։ Ի՞նչ պիտի անեիք այնտեղ, հարցնում եմ ձեզ։ Այնտեղ մաքուր սրտեր են պետք։ Գիտե՞ք, որ այնտեղ բարեկամները փողոցում ման են գալիս երկու֊երկու, իրար ձեռք բռնած։ Այո, կանայք տանն են մնում, կարելի է տեսնել հասուն, հարգանքի արժանի, բեղավոր մարդկանց, որոնք լուրջ դեմքով մայթերն են չափում, մատները բարեկամի մատների մեջ։ Արևելքում էլ են երբեմն այդպես անում։ Թող այդպես լինի։ Բայց ասացեք ինձ, Փարիզի փողոցներում դուք կբռնեի՞ք իմ ձեռքը։ Ահ, կատակում եմ։ Մենք վարվեցողության մեր ձևերն ունենք, փչացածությունը մեզ հպարտ է դարձրել։ Նախքան հունական կղզիներ գնալը, մենք պետք է երկարորեն լվացվենք։ Օդը մաքուր է այնտեղ, ծովը և զվարճությունները մեծ են։ Եվ մենք...

Նստենք այս կամրջակի նստարաններին։ Ի՜նչ մառախուղ է։ Ես իմ պատմությունը ընդհատեցի կարծես անհարմարավետության մասին խոսելիս։ Այժմ կասեմ ձեզ, թե ինչի մասին է խոսքը։ Ինքս ինձ հետ ապարդյուն կերպով պայքարելուց, ինքնագոհության իմ հովերը սպառելուց հետո, իմ անօգուտ ջանքերից հուսահատված, ես որոշեցի հեռանալ մարդկային հասարակությունից։ Ոչ, ոչ, անմարդաբնակ կղզի չփնտրեցի։ Պարզապես ապաստանեցի կանանց մոտ։ Դուք գիտեք, նրանք ոչ մի թուլություն իրապես չեն դատապարտում. նրանք ավելի շուտ կվարձեն խոնարհեցնել կամ անզեն դարձնել մեր ուժերը։ Ահա թե ինչու կինը պարգև է ոչ թե ռազմիկի, այլ հանցագործի համար։ Կինը նրա նավահանգիստն է, նրա վերջին հանգրվանը կնոջ անկողնում է, ուր նրան սովորաբար ձերբակալում են։ Մի՞թե միայն նա չէ, որ մեզ մնում է երկրային դրախտից։ Հուսահատության մեջ ես վազեցի դեպի իմ բնական նավահանգիստը։ Բայց այլևս ճառեր չարտասանեցի։ Ըստ սովորության դեռ մի քիչ խաղում էի, բայց ստեղծագործությունը, այսուհանդերձ, պակասում էր։ Տատանվում ես խոստովանել, վախենալով, որ էլի մեծ խոսքեր կարտասանեմ. ինձ թվում է, որ այդ ժամանակ ես սիրո կարիք զգացի։ Լկտիություն է, այդպես չէ՞։ Բոլոր դեպքերում զգում էի մի խուլ տառապանք, մի տեսակ զրկվածություն, որ ինձ ավելի դատարկ դարձրեց և թույլ տվեց, կիսով չափ ստիպողաբար, կիսով չափ հետաքրքրությունից, մի քանի ձեռնարկներ անել։ Քանի որ սիրելու և սիրվելու կարիք ունեի, ինձ թվաց, թե սիրահարված եմ։ Այլ կերպ ասած, հիմար ձևացա։

Հաճախ ես ինձ բռնում էի հարցեր տալիս, որից ինձ նման փորձված մարդը մինչ այդ խուսափում էր։ Ես ինձ լսում էի հարցնելիս. «Ինձ սիրո՞ւմ ես»։ Դուք գիտեք, թե սովորաբար ինչ են պատասխանում նման դեպքում. «Իսկ դո՞ւ»։ Եթե «այո» պատասխանեի, իմ իսկական զգացումներից ավելի պարտավորված էի համարելու ինձ։ Եթե համարձակվեի «ոչ» ասել, չսիրվելու վտանգին էի ենթարկվում և դրանից տառապում էի։ Որքան վտանգի տակ էր թվում այն զգացումը, ուր հույս էի ունեցել հանգիստ գտնել, այնքան ավելին էի պահանջում իմ ընկերուհուց։ Պահանջում էի ավելի ու ավելի խորունկ զգացում։ Այդպիսի մի կեղծ զգացումով բռնվեցի մի գրավիչ խենթուկի նկատմամբ, որ այնքան լավ կարդացել էր սրտի մասին եղած գրականությունը և սիրո մասին խոսում էր անդասակարգ հասարակություն քարոզող մտավորականի վստահությամբ և համոզումով։ Այս համոզմունքը, դուք այդ գիտեք, վարակիչ է։ Ես նույնիսկ փորձում էի խոսել սիրո մասին և ավարտեցի ինքս ինձ համոզելով, մինչև այն պահը, երբ նա իմ սիրուհին դարձավ։ Եվ այդ ժամանակ էլ հասկացա, որ սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են խոսել սիրո մասին, սիրել չեն սովորեցնում։ Մի թութակ սիրելուց հետո, ես ստիպված եղա օձի հետ պառկել։ Հետևաբար, սկսեցի ուրիշ տեղ փնտրել գրքերի խոստացած սերը, բայց որին երբեք կյանքում չհանդիպեցի։

Բայց սիրո հարցում ես փորձ չունեի։ Ավելի քան երեսուն տարի ես բացառապես ինքս ինձ էի սիրել։ Ինչպե՞ս հուսալ, որ կարելի է կորցնել նման մի սովորույթ։ Ես այն երբեք չկորցրի և կրքի հարցում մնացի կամայական։ Ես կրկնապատկում էի իմ խոստումները։ Զուգահեռ սերեր էի կնքում՝ ինչպես անցյալում, բազմաթիվ կապեր էի ունենում։ Հետևաբար՝ ուրիշների համար ավելի շատ դժբախտություն էի կուտակում, քան իմ հրաշալի անտարբերության ժամանակ։ Ասացի ձեզ, որ իմ թութակը, հուսահատ, ուզեց սովամահ լինել։ Բարեբախտաբար ժամանակին վրա հասա և որոշեցի ձեռքից բռնել, մինչև որ Բալի կատարած մի ճամփորդության վերադարձին հանդիպեց սպիտակած քունքերով ինժեներին, որը լրիվ համապատասխանում էր նրա նախասիրած շաբաթաթերթի կողմից նկարագրվածին։ Բոլոր դեպքերում, ինչպես ասում են, հավերժության մեջ տարվելու և կրքի մեջ լուծվելու վիճակից հեռանալով, ես ավելացնում էի իմ սխալների և մոլորությունների քաշը։ Ես սիրուց այնպիսի սարսափ զգացի, որ տարիներ ամբողջ, առանց ատամներս սեղմելու, չկարողացա լսել «Վարդագույն կյանքը» կամ «Իզոլդայի սիրո մահը»։ Դրանից հետո փորձեցի ինչ֊որ ձևով հրաժարվել կանանցից և ապրել ժուժկալ կյանքով, ի վերջո նրանց բարեկամությունից պետք է բավարարված զգայի։ Բայց այդպիսով դուրս էր գալիս, որ խաղից էի հրաժարվում։ Ցանկությունից դուրս կանայք ինձ չափազանց ձանձրացնում էին, և, նկատելիորեն, ես էլ նրանց էի ձանձրացնում։ Առանց խաղի, առանց թատրոնի, ես անկասկած ճշմարտության մեջ էի։ Բայց ճշմարտությունը, սիրելի բարեկամ, ձանձրալի էր։

Հուսահատված սիրուց և ժուժկալությունից, ես որոշեցի տրվել շվայտության, որ կարող էր փոխարինել սիրույն, լռեցնել ծիծաղները, վերադարձնել լռությունը և, մանավանդ, անմահություն շնորհել։ Հարբեցողության բարձր աստիճանին, ուշ գիշերին, երբ պառկում ես երկու պոռնիկներխ արանքում, շատ բաներ հստականում են, դատարկվում ես ամեն տեսակ ցանկությունից, հույսը դադարում է տանջանք լինելուց, ուղեղը իշխում է բոլոր ժամանակների վրա, բայց ապրելու ցավը երբեք չի անցնում։ Ինչ֊որ իմաստով ես միշտ ապրել եմ շվայտության մեջ, բայց երբեք չեմ դադարել անմահ լինել ցանկանալուց։ Այս չէ՞ր, արդյոք, իմ բնավորության բանալին և նաև արդյունքը ինքս իմ հանդեպ զգացած մեծ սիրույն, որի մասին պատմել եմ ձեզ։ Այո, ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից։ Ես ինձ չափազանց շատ էի սիրում, որպեսզի չցանկանայի, որ իմ սիրո թանկագին առարկան երբեք չանհետանար։ Արթուն վիճակում և մի քիչ էլ ինքն իրեն ճանաչելով, հնարավոր չէր բավարար պատճառներ տեսնել, որոնցով անմահությունը տրված լիներ մի վավաշոտ կապիկի, հետևաբար անհրաժեշտ էր այդ անմահության համազորները ճարել։ Եվ որովհետև ես ցանկանում էի հավերժական կյանքը, պառկում էի, ուրեմն, պոռնիկների հետ և ամբողջ գիշերներ խմում էի։ Առավոտյան, անշուշտ, բերանումս մահվան դառն համն էի զգում։ Բայց չէ՞ որ երկար ժամեր շատ երջանիկ սավառնել էի։ Կհամարձակվե՞մ ձեզ խոստովանել։ Դեռևս հուզմունքով եմ հիշում այն գիշերները, երբ գնում էի որևէ կեղտոտ գիշերային ակումբ, մի հեշտ տրվող պարուհի գտնելու, որն ինձ պատվում էր իր շնորհներով, և որի համար մի երեկո նույնիսկ ծեծկվեցի մի մորուքավոր պարծենկոտի հետ։ Ամեն գիշեր ես երկար կանգնում էի խմիչքի սեղանի դիմաց և հաճույքի այս վայրի կարմիր լույսի տակ ու կեղտոտության մեջ ուտում ու երկար խմում էի։ Սպասում էի արշալույսին և օրը ավարտում էի իմ իշխանուհու միշտ չհավաքված անկողնում, որը մեքենայաբար տրվում էր հաճույքին և ապա մեռածի պես քնում։ Առավոտը դանդաղորեն գալիս էր լուսավորելու այս անկանոնությունը, և ես, լուռ վեր կենալով, անշարժ կանգնում էի առավոտվա փառավոր լույսի մեջ։

Ալկոհոլն ու կանայք ինձ տվեցին, խոստովանում եմ, միակ թեթևությունը, որին արժանի էի։ Իմ այս հայտնագործությունը ձեզ եմ թողնում, սիրելի բարեկամ, և մի վախեցեք այն օգտագործելուց։ Այդ ժամանակ դուք կտեսնեք, որ իսկական շվայտությունը փրկարար է, որովհետև ոչ մի պարտավորվածություն չի դնում։ Այնտեղ դու քո տերն ես, հետևաբար այն կմնա իրենց սեփական անձին խորապես սիրահարվածների նախընտրած զբաղմունքը։ Դա մի ջունգլի է առանց ապագայի և անցյալի, մանավանդ առանց խոստումի և առանց անմիջական դատավճռի։ Նրա տեղը աշխարհից անջատված է։ Այնտեղ մտնելիս դրսում ես թողնում և՛ վախը, և՛ հույսը։ Զրույցը այնտեղ պարտադիր չէ. այն, ինչ փնտրում ես այնտեղ, կարելի է ստանալ առանց խոսքերի և հաճախ նույնիսկ առանց դրամի։ Խնդրում եմ, թույլ տաք ինձ մասնավոր պատիվ տալ անծանոթ և մոռացված այն կանանց, որոնք այդ ժամանակ ինձ օգնել են։ Նրանցից պահած հիշատակիս մինչև այսօր խառնվում է մի բան, որ նման է հարգանքի։

Ամեն դեպքում ես լայնորեն օգտվում էի այս ազատագրումից։ Նույնիսկ ինձ տեսան մի, ինչպես ասում են, մեղքի մեջ թաղված հյուրանոցում, ուր միաժամանակ կենակցում էի մի հասուն տարիքի պոռնիկի և բարձր հասարակության պատկանող մի չամուսնացած աղջկա հետ։ Առաջինի հետ ասպետ էի խաղում, իսկ երկրորդին հնարավորություն տվեցի կյանքի մի քանի իրողություններ սովորել։ Դժբախտաբար պոռնիկը միջին դասակարգի շեշտված բնավորություն ուներ. նա հետագայում համաձայնվեց իր հուշերը գրել և տպագրել մի կրոնական ամսագրում, որ իր էջերը տրամադրում էր ժամանակակից գաղափարներին։ Երիտասարդը իր հերթին ամուսնացավ, բավարարելու համար իր սանձազերծ բնազդները և կիրառել... իմ դասերից արթնացած իր փայլուն տվյալները։ Պակաս հպարտ չեմ նաև, որ այդ շրջանում որպես հավասարի ընդունվել եմ տղամարդկանց մի ընկերությունում, որը հաճախ զրպարտվում էր։ Սակայն դրա վրայով անցնելու եմ։ Դուք գիտեք, որ նույնիսկ խիստ մտավորական մարդիկ հպարտանում են, երբ հարևանից մի շիշ ավելի են դատարկում։ Թվում էր, որ կարող էի խաղաղություն ու ազատագրում գտնել այս երջանիկ մսխումների մեջ։ Բայց նույնիսկ այնտեղ ինքս իմ մեջ արգելքի հանդիպեցի։ Դա իմ լյարդն էր և մի այնպիսի սարսափելի հոգնություն, որ դեռևս ինձ չի թողել։ Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են ոտքի կանգնել։

Այս փորձառության միակ օգուտը, գիշերային քաջագործություններից իմ հրաժարվելուց հետո, այն եղավ, որ կյանքը ինձ համար դարձավ նվազ ցանկալի։ Մարմնիս կրծող հոգնությունը իմ մեջ ջնջել էր շատ սուր կետեր։ Յուրաքանչյուր պոռթկում նվազեցնում է կենսունակությունը, հետևաբար՝ տառապանքը։ Խելացնոր շվայտությունը, հակառակ տիրող կարծիքի, բնավ վատ բան չէ։ Դա մի երկար քուն է։ Դուք պետք է նկատած լինեք, որ իսկապես խանդից տառապող տղամարդիկ շտապում են պառկել այն կնոջ հետ, ով դավաճանում է իրենց։ Դրանով նրանք մի անգամ ևս ուզում են իրենք իրենց համոզել, որ այդ թանկագին գանձը իրենց է պատկանում։ Ինչպես ասում են, ուզում են նրան սեփականացնել։ Եվ ճիշտ է նաև, որ անմիջապես հետո դառնում են նվազ խանդոտ։ Ֆիզիկական խանդը երևակայության և սեփական անձի մասին նրանց ունեցած մեծ կարծիքի արդյունքն է։ Նրանք մրցակցին մտածել են տալիս այնպիսի հիմարություններ, որ իրենք պիտի ունենային միևնույն պայմաններում։ Բարեբախտաբար սեռական բավարարումը թուլացնում է և երևակայությունը, և դատողությունը։ Այդ ժամանակ տառապանքը առնականության հետ երկար քնում է։ Նույն պատճառներով երիտասարդները իրենց առաջին սիրուհիների հետ պառկելուց հետո կորցնում են փիլիսոփայական անհանգստությունը, և որոշ ամուսնություններ, որոնք պարզապես ձևակերպված շվայտություններ են, դառնում են համարձակության և հնարամտության միապաղաղ դագաղակիրներ։ Այո, սիրելի բարեկամ, քաղքենիական ամուսնությունը մեր երկիրը դրել է հողաթափերի մեջ և շուտով կհասցնի մահվան դուռը։

Չափազանցո՞ւմ եմ։ Ոչ, բայց նյութից շեղվում եմ։ Ուզում եմ ձեզ ասել միայն այն առավելությունը, որ քաղում էի այս օրգյան ամիսներից։ Ապրում էի մի տեսակ մշուշի մեջ, ուր ծիծաղը այն աստիճան էր խլացնում, որ դադարում էի այն լսել։ Անտարբերությունը, որ արդեն մեծ տեղ էր գրավում մեջս, այլևս դիմադրության չէր հանդիպում և վերածվում էր մի տեսակ սկլերոզի։ Ոչ մի հուզում։ Հավասարաչափ մի հումոր կամ հումորի ամբողջական բացակայություն։ Հիվանդացած թոքերը առողջանում են չորանալով և քիչ առ քիչ շնչահեղձ անում իրենց երջանիկ սեփականատիրոջը։ Այդպես էլ ես, ապաքինվելով, խաղաղությամբ մահանում էի։ Շարունակում էի ապրել իմ մասնագիտությամբ, թեև իմ համբավը բավականին վնասված էր իմ լեզվի խոտորումների պատճառով։ Իմ աշխատանքի կանոնավորությունը խախտված էր իմ կյանքի անկանոնությամբ։ Հետաքրքրական է նշել, սակայն, որ իմ լեզվական գրգռությունները ինձ ավելի վնաս պատճառեցին, քան իմ գիշերային ծայրահեղությունները։ Ակնարկությունները, նույնիսկ բանավոր ակնարկությունները, որ երբեմն անում էի Աստծո մասին իմ պաշտպանողականների մեջ, իմ հաճախորդներին անվստահություն էին ներշնչում։ Նրանք անկասկած վախենում էին, որ երկինքը չի կարող իր ձեռքը վերցնել նրանց շահերը այնքան լավ, որքան մի իրավաբան, որ օրենքների գիտության մեջ անպարտելի է։ Այդտեղից այն եզրակացությունը, որ երկնայինին դիմելու և իմ տգիտության միջև մի քայլ կար՝ իմ հաճախորդները արեցին այդ քայլը և քչացան։ Երբեմն դատեր էի պաշտպանում։ Երբեմն, մոռանալով նույնիսկ, որ այլևս չեմ հավատում իմ ասածին, լավ էի պաշտպանում։ Սեփական ձայնս տանում էր ինձ, և ես հետևում էի նրան, գետնից մի քիչ բարձրանում էի, խուզող թռիչք էի անում, սակայն, ինչպես առաջներում, իսկապես թռչել չէի կարողանում։ Իմ մասնագիտությունից դուրս ես շատ քիչ մարդկանց էի հանդիպում, քարշ էի տալիս մեկ կամ երկու կապի հոգնած շարունակությունը։ Պատահեց նույնիսկ, որ մասնակցեցի բարեկամական մաքուր երեկոների, առանց որևէ ցանկության մասնիկի, այն քիչ տարբերությամբ, որ ձանձրույթի հետ հաշտված՝ հազիվ էի լսում, թե ինչ են ասում։ Մի քիչ գիրանում էի և ի վերջո կարողացա հավատալ, որ տագնապը անցել էր։ Իրականում, պարզապես ծերանում էի։

Սակայն մի օր, մի ընկերուհու հետ ճանապարհորդության ընթացքում, որին չէի ասել, թե այդ ուղևորությամբ տոնում էի իմ ապաքինումը, հանկարծ հեռվում, երկաթագույն օվկիանոսի մի սև կետ նշմարեցի։ Անշուշտ, նավի վերջին կամրջակի վրա էի։ Անմիջապես հայացքս հեռացրի, սիրտս սկսեց խփել։ Երբ ինձ ստիպեցի նորից նայել, սև կետը անհետացել էր։ Ուզում էի բղավել, հիմարի պես օգնություն կանչել, երբ այն նորից երևաց։ Պարզապես մի բեկոր էր, որ նավերը իրենց ետևից թողնում են։ Սակայն չէի կարողանում դրան նայել, անմիջապես մտածում էի մի խեղդվողի մասին։

Այդ ժամանակ հասկացա, շատ պարզ ձևով հասկացա, ինչպես հասկանում եմ մի գաղափար, որի ճշմարիտ լինելը վաղուց գիտեն, որ այն աղաղակը, որ տարիներ առաջ հնչել էր Սենայի վրա, իմ ետևում, չէր դադարել հնչելուց, այլ գետով իջել էր դեպի Լա Մանշի ջրերը, պտույտ էր գործել աշխարհում, օվկիանոսի անսահման տարածության մեջ և ինձ էր սպասել ծովերի ու գետերի վրա, ի վերջո ամեն տեղ, ուր գտնվելու էր իմ մկրտության դառն ջուրը։ Այստեղ ևս, ասացեք ինձ, մի՞թե ջրի վրա չենք։ Հարթ, միապաղաղ, անվերջանալի ջրերի վրա, որ իր սահմանները շփոթում է երկրի սահմանների հետ։ Ինչպե՞ս հավատալ, որ Ամստերդամ ենք հասնելու։ Ինձ թվում է, որ մենք երբևէ դուրս չենք գալու սուրբ ջրի այս հսկայական ավազանից։ Անտեսանելի ծովորորների աղաղակը չե՞ք լսում։ Եթե մեզ դիմելով են կանչում, ի՞նչ բանի համար են արդյոք կանչում։

Նույն ծովորորներն էին, որ կանչում, բղավում էին Ատլանտյանում։ Եվ այդ օրը ես վերջնականորեն հասկացա, որ չեմ բուժվել, որ միշտ անկյուն եմ կանգնեցված, և որ անհրաժեշտ է ինձ կարգի բերել։ Վերջացել էր փառավոր կյանքը, բայց ավարտվել էին նաև կատաղությունն ու հուզումնալից օրերը։ Պետք էր ենթարկվել և ընդունել հանցավոր լինելը։ Պետք էր ապրել անհարմարավետության մեջ։ Վստահ եմ, որ դուք չգիտեք այն զնդան֊խցիկի մասին, որ միջին դարերում անվանում էին անհարմարավետ։ Ընդհանրապես այնտեղ ձեզ ցկյանս մոռանում էին։ Այս խցիկը ուրիշներից տարբերվում էր իր հնարամիտ չափսերով։ Դրանք այնքան բարձր չէին, որ հնարավոր լիներ ոտքի կանգնել, ոչ էլ այնքան լայն, որ կարողանայիր պառկել։ Պետք էր ընդունել ամենահարմար դիրքը, ապրել անկյունագիծ վիճակում, այնտեղ քունը մի անկում էր, արթնանալը՝ մարմնի կծկում։ Սիրելիս, այս այնքան պարզ գյուտի մեջ հանճար կար, և ես բառերս կշռում եմ։ Ամեն օր, անշարժության դատապարտված վիճակում, երբ աղիքները իրար են կպչում, դատապարտյալը համոզվում էր իր մեղավորության մեջ, և՝ որ անմեղությունը կայանում է մարմինը ազատորեն երկարել կարողանալու ուրախության մեջ։ Կարո՞ղ եք այս խցիկում պատկերացնել գագաթների և բարձր կամրջակների սովոր մեկին։ Ինչպե՞ս։ Կարելի էր ապրել այս խցիկում և լինել անմե՞ղ։ Անհավանական է, բացարձակապես անհավանական։ Եվ կամ իմ տրամաբանությունը արդեն փուլ է գալիս։ Այն, որ անմեղությանը վիճակված լիներ կուզ ապրել, մի վայրկյան իսկ չեմ կարող հավատալ։ Եվ հետո, մենք չենք կարող որևէ մեկի անմեղությունը հաստատել, մինչդեռ մի հարվածով կարող ենք հաստատել բոլորի հանցավոր լինելը։ Յուրաքանչյուր մարդ ուրիշների հանցանքի համար վկա է. ահա թե ինչի վրա է հիմնվում իմ հավատը և իմ հույսը։ Հավատացեք ինձ, կրոնները սխալվում են այն պահից, երբ սկսում են բարոյախոսել և շանթահարող հրամանաներ արձակել։ Աստված անհրաժեշտ չէ հանցանքը ստեղծելու և ոչ էլ պատժելու համար։ Մեր նմանները, մեր օգնությամբ բավական են այդ գործի համար։ Խոսում էինք Վերջին դատաստանի մասին։ Թույլ տվեք դրա վրա հարգանքով ծիծաղել։ Ես դրան սպասելու եմ վճռական, որովհետև ճանաչել եմ ավելի վատթարը, այսինքն՝ մարդկանց դատաստանը։ Նրանց համար մեղմացուցիչ հանգամանքներ չկան, նույնիսկ լավ ցանկությունը հանցանք է համարվում։ Թուքի խուցերի մասին առնվազն լսած պետք է լինեք։ Այն հնարեց մի ժողովուրդ ապացուցելու համար, որ աշխարհի ամենամեծն է։ Դա քարե մի տոպրակ է, ուր բանտարկյալը ամբողջ հասակով կանգնում է բայց չի կարող շարժվել։ Ամուր, հաստատուն դուռը, որ նրան անշարժացնում է այդ ցեմենտե կեղևի մեջ, կոկորդի բարձրության վրա է։ Ուրեմն միայն նրա գլուխն է երևում, որի վրա յուրաքանչյուր անցնող պահակ առատորեն թքում է։ Խուցի մեջ սեղմված բանտարկյալը չի կարող երեսը սրբել, թեև դա թույլ է տրվում, բայց կարող է աչքերը փակել։ Այս մեկը, սիրելիս, մարդկանց հնարանքն է։ Նրանք Աստծո կարիքը չեն ունեցել այս փոքրիկ գլուխգործոցը հնարելու համար։

Ուրեմն՝ ի՞նչ։ Աստծո միակ օգտակարությունը կայանում է անմեղությունը ապահովելո՞ւ մեջ, այդ դեպքում ես կրոնը ավելի շուտ կհամարեմ մաքրման մի ձեռնարկություն, ինչպես եղել է անցյալում, կարճ ժամանակի համար, ուղիղ երեք տարի, և կրոն չէր կոչվում։ Այն օրվանից, ինչ օճառը պակասել է, մեր քթերը կեղտոտվել են, և մենք փոխադարձաբար իրար ենք մաքրում։ Բոլորը ագահ են ու ծույլ, բոլորը պատժված են, թքենք վրաները և շտապենք դեպի անմահություն։ Ո՞վ է առաջինը թքելու, ահա ամբողջ հարցը։ Ես ձեզ մի գաղտնիք եմ հայտնելու, սիրելիս։ Վերջին դատաստանին մի սպասեք։ Այն ամեն օր տեղի է ունենում։

Ոչ, դատարկ բան է, այս անիծյալ խոնավության մեջ պարզապես մի քիչ դողում եմ։ Արդեն հասնում ենք։ Ահավասիկ։ Ձեր ետևից, խնդրում եմ։ Բայց դեռ մնացեք, եթե կարելի է, և ինձ ընկերակցեք։ Պատմությունս չեմ ավարտել, պետք է շարունակել։ Շարունակել, ահա թե ինչն է դժվար։ Լսեցեք, գիտե՞ք ինչու խաչեցին այն մյուսին, որի մասին հավանաբար մտածում եք այս պահին։ Լավ, բազմաթիվ պատճառներ կային դրա համար։ Մարդուն սպանելու համար միշտ պատճառներ լինում են։ Ընդհակառակը՝ անկարելի է արդարացնել մարդուն, որ նա ապրի։ Դրա համար էլ հանցանքը միշտ պաշտպան փաստաբաններ է գտնում, իսկ անմեղությունը՝ երբեմն միայն։ Բայց այն պատճառների կողքին, որ մեզ երկու հազար տարի շատ լավ բացատրել են, կար մի մեծը այս սոսկալի վշտի համար, և ես չգիտեմ, թե ինչո՞ւ այդքան խնամքով այն պահում են։ Իսկական պատճառն այն էր, որ նա գիտեր իր բոլորովին անմեղ չլինելը։ Եթե չէր կրում հանցանքի ծանրությունը, որով մեղադրում էին, դրա փոխարեն գործել էր ուրիշները, նույնիսկ եթե չգիտեր դրանք։ Արդյո՞ք չգիտեր։ Ի վերջո, չէ՞ որ սկզբնաղբյուրի մոտ էր, նա պետք է լսած լիներ անմեղ երեխաների մի ջարդի մասին։ Հուդայի զավակների ջարդը, երբ իր ծնողները իրեն ապահով վայր էին տանում, ինչո՞ւ համար էր։ Ինչո՞ւ էին մահացել երեխաները, եթե ոչ իր պատճառով։ Անշուշտ, ինքը չէր ցանկանում նրանց մահը։ Սակայն այդ արյունոտ զինվորները, երկուսի կիսված այդ երեխաները նրան սարսափ էին պատճառում։ Բայց ինչպես էլ որ եղած լիներ, ես վստահ եմ, որ նրանց մոռանալ չէր կարող։ Եվ այն տխրությունը, որ երևում է նրա բոլոր գործերում, անբուժելի տխրությունը չէ՞ այն մարդու, որ ամբողջ գիշերներ լսում էր իր փոքրի վրա ողբացող ու ամեն սփոփանք մերժող Ռաքելի ձայնը։ Ողբը բարձրանում էր գիշերները, Ռաքելը կանչում էր իր պատճառով սպանված զավակներին, մինչ ինքը՝ պատճառը, դեռ ողջ էր։

Իմանալով այն, ինչ գիտեր, ճանաչելով ամեն ինչ մարդու մեջ, ա՛հ, ո՞վ պիտի հավատար, որ ուրիշներին մահացնելը պակաս հանցանք է, քան չմեռնելը։ Օր ու գիշեր երես֊երեսի հանդիպելով իր անմեղ ոճրի հետ, նրա համար շատ դժվար էր իր կյանքը պահելն ու ապրել շարունակելը։ Պետք էր այն ավարտել, չպաշտպանվել, մեռնել, որպեսզի այլևս ապրողների մեջ մենակ չլիներ, որպեսզի մի ուրիշ աշխարհ գնար, ուր գուցե պաշտպանված լիներ։ Այստեղ, երկրի վրա նրան ոչ ոք չպաշտպանեց, և նա դառնորեն լաց եղավ, և որի համար, վերջին հաշվով, ենթարկվեց խիստ գրաքննության։ Այո, կարծեմ երրորդ ավետարանիչն էր, որ սկսեց նրա գանգատները ջնջել։ «Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր»։ Մի՞թե այդ ճիչում ինչ֊որ ապստամբություն չկար։ Ճիչ էր, չէ՞։ Ուրեմն, մկրատները։ Նշեցեք նաև, որ եթե Ղուկասը ոչինչ ջնջած չլիներ, մենք հազիվ թե ուշադրություն դարձրած կլինեինք դրան։ Բոլոր դեպքերում, ավետարանում այդքան տեղ գրաված չէր լինի։ Այսպես, գրաքննիչը բարձր բղավում է այն, ինչ մերժում է։ Աշխարհը նույնպես երկդիմի է։

Դա չխանգարեց, սակայն, որ գրաքննվողն ինքը չկարողացավ շարունակել։ Եվ ես, սիրելիս, գիտեմ այն, ինչի մասին խոսում եմ։ Կար ժամանակ, որ ամեն վայրկյան անգիտանում էի, թե ինչպես կարող եմ հաջորդ վայրկյանին հասնել։ Այո, կարելի է պատերազմ անել այս աշխարհում, կապկել սերը, չարչարել իր նմանին, թերթերում փայլել և կամ պարզապես հյուսք անելիս իր հարևանին չարախոսել։ Բոլոր դեպքերում շարունակել, միայն շարունակել, ահա թե ինչն է գերմարդկային։ Եվ նա գերմարդ չէր, կարող եք ինձ հավատալ։ Մահվանից առաջ նա իր տառապանքը բղավել է, և դրա համար էլ ես սիրում եմ նրան, այդ մահացածին, որ այդպես էլ չիմացավ, թե ինչո՞ւ է մահանում։

Դժբախտությունն այն է, որ մեզ մենակ թողեց, որպեսզի շարունակենք ապրել ինչ էլ պատահի, նույնիսկ եթե ապրենք անհարմարավետի մեջ, մեր հերթին իմանալով ինչ նա գիտեր, բայց չկարողանալով անել այն, ինչ նա էր արել և չկարողանալով նրա նման մեռնել։ Բնականաբար, շատ հաճախ իր օրինակը փորձեցին օգտագործել։ Ի վերջո, հանճարեղ բան էր մեզ ասելը. «Դուք այնքան էլ փայլուն տեսք չունեք, դա փաստ է, բայց մանրամասնությունների մեջ մի մտեք, այն մի հարվածով կարելի է վերացնել խաչի վրա»։ Բայց մեր ժամանակներում շատ մարդիկ մագլցում են խաչի վրա, որպեսզի ավելի հեռվից երևան, այդ ճանապարհին կոխկրտելով նույնիսկ նրան, ով այդքան երկար այդտեղ էր գտնվում։ Շատ մարդիկ որոշել են հրաժարվել վեհանձնությունից, որպեսզի բարություն անեն։ Օ, այդ անարդարությունը, այդ ցածր անարդարությունը, որ ցույց են տալիս նրա նկատմամբ։ Այդ մասին մտածելիս սիրտս սեղմվում է։

Ահա նորից բռնում է իմ դատ պաշտպանելու սովորույթը։ Ներեցեք ինձ, հասկացեք, որ պատճառներ ունեմ։ Լսեցեք, այստեղից մի քանի փողոց այն կողմ մի թանգարան կա, որը կոչվում է «Մեր տիրոջ մսուրը»։ Ժամանակին այստեղի քրիստոնյաները իրենց տիրոջը տեղավորել են կտուրների տակ։ Ի՞նչ անեին, այստեղի քարայրները միշտ ջրով են լցվում։ Բայց այսօր, կարող եք վստահ լինել, նրանց տերը ոչ մսուրում է, ոչ քարայրում։ Նրանք իրենց տիրոջը այժմ բարձրացրել են դատարանի ամբիոնից վերև, իրենց սրտից հեռու մի տեղ, և նրա անունով մեխում են մարդկանց, նրա անունով մանավանդ դատում են։ Նա մեղավորների հետ ցածր ձայնով էր խոսում։ «Ես ինքս քեզ չեմ դատապարտում», ասում էր, սակայն այդ չի խանգարում, որ այժմ նրանք դատապարտեն, նրանք ոչ ոքի թողություն չեն շնորհում։ Տիրոջ անունով ահա քո հաշիվը, ստացիր։ Աստվա՞ծ։ Նա այդքան չէր պահանջում, բարեկամս։ Անշուշտ կան մարդիկ, որ սիրում են նրան, նույնիսկ քրիստոնյաների մեջ։ Բայց նրանց մատների վրա կարելի է հաշվել։ Թեև Քրիստոսը այդ կամխատեսել էր, նա հումորի զգացում ուներ։ Պետրոսին, այդ վախկոտին, ճանաչում էր։ Պետրոսը ուրանում է նրան. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում, չգիտեմ ինչ եք ուզում ասել...» և այլն։ Իսկապես, Քրիստոսը չափազանցում էր։ Եվ նա, ցույց տալով Պետրոսին, բառախաղ է անում. «Այս անկյունաքարի վրա ես կառուցելու եմ իմ եկեղեցին»։ Երգիծանքը ավելի հեռուն տանել հնարավոր չէր, այդպես չե՞ք կարծում։ Բայց ոչ, նրա հաջորդները շարունակում են հաղթանակել։ «Տեսնում եք, նա շատ լավ հասկանում էր, բայց այդպես ասաց»։ Եվ հետո նա ընդմիշտ գնաց, նրանց թողնելով դատել և դատապարտել՝ ներողամտությունը բերանում և դատավճիռը՝ սրտում։

Քանի չի կարելի ասել, որ այլևս խիղճ չկա, հետևաբար, տեր Աստված, դրա մասին խոսելու համար կանգ չենք առնի։ Պարզապես այլևս ոչ ոքի չեն արդարացնում։ Մահացած անմեղության վրա երդվում են բոլոր ցեղերի դատավորները, քրիստոնյաներն ու հակաքրիստոնյանները, որոնք ի վերջո նույնն են, անհարմարավետի մեջ իրար միացած։ Պետք չէ միայն քրիստոնյաներին մեղադրել։ Մյուսները ավելի մաքուր չեն և պակաս կեղտոտ գործերի մեջ չեն խառնված։ Գիտե՞ք, թե ինչի են վերածել այն տներից մեկը, ուր ինչ֊որ ժամանակ ապրել է Դեկարտը։ Գժանոցի։ Այո, ընդհանուր խելացնորություն է, ընդհանուր հալածանք։ Մենք մեր հերթին ստիպված ենք դրան հասնել։ Դուք կարողացաք նկատել, որ ոչինչ չեմ խնայում, և գիտեմ նաև, որ դուք էլ այս բոլորի մասին ինձնից պակաս չեք մտածում։ Ուրեմն, քանի որ մենք բոլորս դատավորներ ենք, բոլորս մեղավոր ենք մեկս մյուսիս առջև, բոլորս քրիստոնյաներ ենք մեր էժան ու հասարակ ձևով, մեկ առ մեկ խաչված և միշտ առանց գիտակցելու։ Բոլոր դեպքերում ամեն ինչ այդպես կմնար, եթե ես, Քլամանսս, չգտնեի ելքը, միակ լուծումը, ճշմարտությունը...

Ոչ, կանգ եմ առնում, սիրելի բարեկամ, ոչնչից մի վախեցեք։ Բաժանվելու եմ ձեզնից, արդեն իմ դռանն ենք։ Մենակության մեջ և հոգնած, ի՞նչ եք ուզում, մարդ կամավոր մարգարե է դառնում։ Ի վերջո ես այն եմ, ինչ կամ, քարեղեն անապատի, մշուշի և հոտած ջրերի մեջ ապաստանած, մեր շատ միջակ ժամանակներին համար մի սուտ մարգարե։ Առանց միսիայի Եղիա, ջերմությամբ և ալկոհոլով լցված, կռնակը տված այս բորբոսնած դռանը, մատը բարձրացրած դեպի մի ցածր երկինք, անեծքով ծածկելով անօրեն մարդկանց, որոնք ոչ մի դատապարտության չեն կարող դիմանալ, որովհետև ընդհանրապես չեն կարող դիմանալ, սիրելիս, և ամբողջ ցավն այդ է։ Նա, ով հարում է մի օրենքի, դատավճռից չի վախենում, որովհետև այդ դատավճիռը նրան իր տեղն է դնում, իր իսկ հավատացած օրենքի տրամադրությամբ։ Բայց մարդկային տառապանքներից ամենաանտանելին առանց օրենքի դատվելն է։ Իսկ մենք այդ տառապանքի մեջ ենք։ Զրկված իրենց պահող արգելակներից, շղթաներից, պատահաբար ազատված դատավորները մեծ եռանդով իրենց գործն են անում։ Այդ դեպքում պետք է փորձել նրանցից արագ քայլել։ Եվ դա իսկական գժանոց է։ Ամեն օր ի հայտ են գալիս և բազմանում են մարգարեներ ու բուժող֊փրկիչներ, որոնք շտապում են գտնել մի լավ օրենք կամ ստեղծել մի անխորտակելի կազմակերպություն, նախքան երկրի անապատ դառնալը։ Բարեբախտաբար ես արդեն հայտնել եմ մարդկությանը։ Ես վախճանն եմ և սկիզբը, ես օրենք եմ հռչակում։ Կարճ ասած, ես խոստովանեցնող֊դատավոր եմ։

Այո, այո, վաղը ձեզ ասելու եմ, թե ինչ բան է այս ազնիվ մասնագիտությունը։ Վաղը չէ մյուս օրը դուք մեկնում եք, ուրեմն մենք պետք է շտապենք։ Վաղ եկեք ինձ մոտ, ուզո՞ւմ եք՝ երեք անգամ զանգ տվեք։ Դուք Փարի՞զ եք վերադառնալու։ Փարիզը հեռու է, Փարիզը գեղեցիկ է, նրան չեմ մոռացել։ Հիշում եմ նրա վերջալույսերը տարվա մոտավորապես այս շրջանում։ Չոր և կարկափող երեկոն իջնում է ծխից կապտած տանիքների վրա, քաղաքը խուլ հռնդում է, գետը կարծես դեպի ետ է հոսում։ Այդպիսի երեկոներին ես թափառում էի փողոցներում։ Ես գիտեմ, այժմ էլ թափառում են։ Թափառում են՝ ձևացնելով, թե իբր շտապում են դեպի իրենց հոգնած կանայք, դեպի իրենց անհրապույր տունը։ Ահ, բարեկամս, գիտե՞ք, թե ինչ է նշանակում մենակ էակը, որ թափառում է մեծ քաղաքներում։


  • * *

Ներեցեք, որ ձեզ անկողնում եմ ընդունում, և դրա համար էլ շփոթված եմ։ Բան չկա, մի փոքր ջերմություն է, որը բուժում եմ գիհօղիով։ Ես սովոր եմ նրա հարձակումներին։ Մալարիա է կարծեմ, որով Պապ եղած ժամանակս վարակվեցի։ Ոչ, կիսով չափ եմ կատակում։ Գիտեմ, թե ինչ եք մտածում. դժվար է իմ պատմածների մեջ ճիշտը սխալից անջատել։ Խոստովանում եմ, որ դուք իրավացի եք։ Ես ինքս... Գիտե՞ք, իմ շրջապատի մի մարդ մարդկանց բաժանում էր երեք խմբի. առաջինները նախընտրում են գաղտնի ոչինչ չունենալ, քան թե ստիպված լինել ստելու, երկրորդ խումբը նախընտրում է ասել, քան թե պահելու ոչինչ չունենալ և, վերջապես, երրորդ խմբի մարդիկ, որոնք միևնույն ժամանակ սիրում են և սուտը, և գաղտնիքը։ Ձեզ եմ թողնում ընտրել, թե ես որ խմբին եմ լավագույնս սազում։

Բայց ի՞նչ նշանակություն ունի։ Ստերը ի վերջո ճշմարտության չեն առաջնորդում մարդուն։ Եվ իմ պատմությունները, ճիշտ կամ սխալ, բոլորն էլ նույն վախճանին չե՞ն միտում, նույն ուղղությունը չունե՞ն։ Այդ դեպքում ի՞նչ կարևոր է, թե նրանք ճիշտ են, թե սխալ, եթե երկու դեպքում էլ նրանք իմաստավորվում են իմ անցյալում եղածից և ապագայում լինելիքից։ Երբեմն ավելի հստակ ես տեսնում նրա մեջ, ով ստում է, քան նրա՝ ով ճշմարիտն է ասում։ Ճշմարտությունը լույսի նման կուրացնում է։ Սուտը, ընդհակառակը, գեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչյուր առարկա արժեքավորում է։ Ի վերջո, հասկացեք ինչպես ուզում եք, բայց ես Պապ էի նշանակված բանտարկյալների մի ճամբարում։

Նստեցեք, խնդրում եմ։ Սենյակն եք զննում։ Մերկ է, ճիշտ է, բայց մաքուր է։ Մի իսկական Վերմեր, առանց կահկարասու և սպասեղենի։ Նաև առանց գրքի. վաղուց դադարել եմ կարդալ։ Ժամանակին իմ տունը լիքն էր կիսատ կարդացված գրքերով։ Եվ դա զզվելի էր, ինչպես այն մարդիկ, որոնք չաղ լյարդից մի կտոր ուտում են, իսկ մնացածը նետել տալիս։ Բոլոր դեպքերում այլևս միայն խոստովանություններն եմ սիրում, իսկ խոստովանությունների հեղինակները հատկապես գրում են, որպեսզի չխոստովանեն, որպեսզի իրենց իմացածից ոչինչ չասեն։ Երբ ձևացնում են, թե անցնում են խոստովանությունների, ժամանակն է չվստահել, որովհետև նշանակում է՝ պատրաստվում են դիակը զգեստավորել։ Հավատացեք ինձ, գիտեմ, թե ինչ եմ ասում։ Եվ ես կարճ կտրեցի։ Ոչ մի գիրք, ոչ մի ավելորդ առարկա, միայն ամենախիստ անհրաժեշտը, մաքուր և փայլեցված՝ ինչպես դագաղը։ Մյուս կողմից, հոլանդական այս անկողիններում, որոնք այսքան չոր են, ձյունասպիտակ սավաններով, թվում է, թե արդեն իսկ պատանքի մեջ ես, մեռնում ես մաքրությամբ ողողված։

Դուք հետաքրքրվում եք իմ Պապական արկածներո՞վ։ Հավատացեք, անսովոր բան չկա։ Ուժ կունենա՞մ դրա մասին խոսելու։ Այո, ինձ թվում է, որ ջերմությունս պակասում է։ Շատ ժամանակ առաջ էր, Աֆրիկայում, ուր պարոն Ռոմելի շնորհիվ պատերազմ էր փոթորկում։ Ոչ, չէի խառնվել դրան, վստահ եղեք։ Եվրոպական պատերազմից արդեն դուրս էի եկել։ Անշուշտ, զորակոչվեցի, բայց ոչ մի անգամ կրակը չտեսա։ Ինչ֊որ իմաստով դրա համար ցավում եմ։ Գուցե դա շատ բան փոխեր։ Ֆրանսիական բանակը ռազմաճակատում իմ կարիքը չունեցավ։ Այն ինձնից պահանջեց միայն նահանջին մասնակցել։ Կարճ ժամանակ հետո ես վերագտա Փարիզը և այնտեղ՝ նաև գերմանացիներին։ Ես հրապուրվեցի դիմադրությամբ, որի մասին սկսել էին խոսել. մոտավորապես այդ ժամանակներում էլ հայտնաբերեցի, որ հայրենասեր եմ։ Դուք ժպտո՞ւմ եք։ Սխալվում եք։ Ես իմ հայտնագործությունը կատարեցի Շադելեում, մետրոյի միջանցքներում։ Ինչ֊որ մի շուն կորել էր լաբիրինթոսի մեջ։ Խոշոր, կոշտ թավամազով, մի ականջը կտրված, զվարճալի աչքերով մի շուն, որ ոստոստում էր հոտոտելով անցորդների ոտքերը։ Ես շներին սիրում եմ հնուց եկող շատ նուրբ զգացումով։ Սիրում եմ, որովհետև նրանք միշտ ներում են։ Նրան մոտս կանչեցի, մի պահ տատանվեց, բայց ակնհայտ համակրանքով սկսեց ոգևորված պոչը շարժել, ինձնից մի քանի մետր հեռվում։ Այդ պահին մի երիտասարդ գերմանացի զինվոր արագ քայլերով ինձանից անցավ։ Շան մոտ հասնելով շոյեց նրա գլուխը։ Ոչ մի պահ չտատանվելով շունը նրա քայլին հետևեց նույն համակրանքով և նրա հետ անհետացավ։ Ատելությունից և մի տեսակ բարկությունից, որ զգացի գերմանացի զինվորի դեմ, պետք էր ընդունեի, որ իմ հակազդեցությունը հայրենասիրական էր։ Եթե շունը հետևեր քաղաքացիական հագնված մի ֆրանսիացու, այդ մասին նույնիսկ մտածած չէի լինի։ Ընդհակառակը, պատկերացնում էի այս համակրելի կենդանուն գերմանական մի վաշտի սիրելին դարձած, և այդ միտքը ինձ կատաղեցնում էր։ Հայրենասիրությանս փորձաքար հանդիսացող այս քնքշությունը լրիվ համոզիչ էր։

Ես հասա հարավային գոտի՝ դիմադրության մասին տեղեկություն ստանալու համար։ Բայց հասնելով և տեղեկություն ստանալով, տատանվեցի։ Ձեռնարկը ինձ մի քիչ խելառ թվաց, մի խոսքով, ռոմանտիկ։ Մանավանդ կարծում եմ, որ ընդհատակի աշխատանքը հարմար չէր ոչ իմ բնավորությանը և ոչ էլ օդասուն գագաթների իմ ճաշակին։ Ինձ թվում էր, որ ինձնից պահանջում են օրեր ու գիշերներ գորգագործություն անել մի քարայրում, սպասելով, որ ինչ֊որ անբաններ գան ինձ այդ տեղից վանելու, նախ քանդելու իմ գորգը և ինձ քարշ տալու մի ուրիշ քարայր և մինչև սպանելը ծեծելու։ Հիանում էի նրանցով, որ տրվում էին այդ խորությունների հերոսությանը, բայց նրանց օրինակին հետևել չէի կարող։

Հետևաբար անցա Հյուսիսային Աֆրիկա, այնտեղից Լոնդոն հասնելու անորոշ մտադրությամբ։ Բայց Աֆրիկայում դրությունը պարզ չէր, հակադիր կուսակցությունները ինձ հավասարապես իրավացի էին թվում, և ես մի կողմ քաշվեցի։ Ձեր տեսքից կռահում եմ, որ շատ արագ եմ անցնում այս մանրամասնությունների վրայով, որոնք ըստ ձեզ, կարևոր են։ Այդպես եմ անում, որովհետև ձեզ դատում եմ ձեր իսկական արժեքով և վստահ եմ, որ դուք այդ բոլորը լավ կհասկանաք, նույնիսկ՝ եթե կես բերան ասեմ։ Այնուհետև ես վերջապես անցա Թունիս, ուր մի քնքուշ բարեկամուհի ինձ ապահովեց գործով։ Այս բարեկամուհին շատ խելացի մի էակ էր, որ կինոյով էր զբաղվում։ Ես նրան հետևեցի դեպի Թունիսի մայրաքաղաք, բայց թե իրականում նա ինչո՞վ էր զբաղվում, իմացա միայն Դաշնակիցների Ալժիր ցամաքահանում կատարելուց հետո։ Այդ օրը գերմանացիները ձերբակալեցին իմ բարեկամուհուն, ինչպես նաև ինձ, բայց ես ոչ մի հանցանք չունեի։ Չգիտեմ ինչ եղավ նա։ Գալով ինձ, ոչ մի վատ բան չարեցի, և ծանր մտահոգություններից հետո հասկացա, որ ձերբակալությունը հիմնականում իմ նկատմամբ ապահովության միջոցառում էր։ Ես բանտարկվեցի Տրիպոլիի մոտ մի ճամբարում, ուր ծարավից և ազատազրկումից ավելի էինք տառապում, քան կոպիտ վերաբերմունքից։ Դրա նկարագրությունը չեմ անի ձեզ։ Մենք, դարի այս կեսի զավակներս, գծագրության կարիք չունենք նման վայրեր պատկերացնելու համար։ Հարյուր հիսուն տարի առաջ մարդիկ զգացական են դարձել լճերի և անտառների վրա։ Այսօր մենք ունենք խցիկների լիրիզմը։ Մի խոսքով, վստահում եմ ձեզ։ Դուք հազիվ մի քանի մանրամասն կարող եք ավելացնել. շոգը, ուղղահայաց արևը, ճանճերը, ավազը, ջրի պակասը։

Այնտեղ ինձ հետ մի երիտասարդ ֆրանսիացի կար, որ հավատացյալ էր։ Այո, նա հեքիաթի մի ասպետ էր ապահովաբար։ Դյուկեկլենի տիպի, եթե ուզում եք։ Նա Ֆրանսիայից անցել էր Իսպանիա, որպեսզի Հյուսիսային Աֆրիկա հասներ։ Կաթոլիկ գեներալը նրան բանտարկել էր, և նա, տեսնելով, որ ֆրանկոյական ճամբարում սիսեռը, թող թույլ տրվի ասել, օրհնված է Հռոմի կողմից, նրան նետել էր մի խորունկ տխրության մեջ։ Ոչ Աֆրիկայի երկինքը, ուր նա ընկել էր հետո, ոչ ճամբարի ժամանցները նրան այդ տխրությունից չէին ազատել։ Բայց խոհերն ու արևը նրան մի քիչ հանել էին բնական վիճակից։ Մի օր, հալած կապարից փայլփլող մի վրանի տակ, երբ շնչահատ էր լինում ճանճերի միջև, կրկնեց իր պարսավանքները նրա դեմ, ում հռոմայեցի էր անվանում։ Նա մեզ նայում էր շփոթված տեսքով, բազմաթիվ օրերի իր մորուքով։ Նրա մերկ կուրծքը քրտինքով էր պատած, նրա ձեռքերը նվագում էին իր կողերի տեսանելի ստեղնաշարի վրա։ Նա հայտարարում էր, որ մի նոր Պապ է պետք, որ ապրեր թշվառների մեջ, փոխանակ գահի վրա նստած աղոթելու, և որքան արագ լիներ դա, այնքան լավ։ Նա մեզ նայում էր իր շփոթված հայացքով, գլուխը շարժելով։ «Այո, հնարավորին չափ արագ»,— կրկնում էր նա։ Հետո միանգամից հանգստացավ և թախծոտ ձայնով ասաց, որ Պապին պետք է ընտրել մեր միջից, պետք է վերցնել մի կատարյալ մարդ՝ իր թերություններով և առաքինություններով, և նրան հավատարմության երդում տալ, միակ պայմանով, որ համաձայներ իր և ուրիշների մեջ կենդանի պահել մեր տառապանքների ընդհանրությունը։

«Մեզանից ո՞վ բոլորից շատ թուլություններ ունի»,— ասաց նա։ Կատակելու համար ես մատս բարձրացրի, և ես միակ ձեռք բարձրացնողն էի։ «Լավ, Ժան֊Բատիստը հարմար է»։ Ոչ, նա իմ անունը չտվեց, քանի որ այդ ժամանակ ուրիշ անուն ունեի։ Նա հայտարարեց, որ ինքն իրեն նշանակելը, ինչպես ես էի արել, առնվազն ենթադրում էր նաև ամենամեծ առաքինությունը և առաջարկեց ինձ ընտրել։ Մյուսները կատակով, բայց համենայն դեպս լրջության շեշտով համաձայնեցին։ Ճշմարտությունն այն էր, որ Դյուկեկլենը մեր վրա ազդել էր։ Ես էլ, ինձ թվում է, ամբողջովին չէի ծիծաղում։ Նախ գտնում էի, որ իմ փոքրիկ մարգարեն իրավացի էր, և հետո՝ արևը, մաշող աշխատանքը, կռիվը ջրի համար, կարճ ասած, մենք բոլորս մի քիչ ուրիշ տեսակ էինք դարձել։ Համենայն դեպս, ես իմ Պապությունը կատարում էի բազմաթիվ շաբաթներ, և ամեն օր ավելացող լրջությամբ էի վերաբերում դրան։

Իրականում ի՛նչ էր դա նշանակում։ Ճիշտն ասած, կարծես մի տեսակ խմբի պետն էի կամ բջիջի քարտուղարը։ Մյուսները, բոլոր դեպքերում, նույնիսկ նրանք, ովքեր չէին հավատում, սովորություն դարձրին ինձ հնազանդվել։ Դյուկեկլենը տառապում էր, ես նրա տառապանքը մեղմում էի։ Այդ ժամանակ նկատեցի, որ այնքան էլ հեշտ չէր Պապ լինել, ինչպես կարծում էի, և այդ երեկ նորից հիշեցի, երբ դատավորների, մեր եղբայրների մասին այնքան արհամարհական ճառեր էին արտասանում։ Ճամբարում մեծ խնդիրը ջրի բաժանումն էր։ Ուրիշ խմբեր էլ էին կազմված, քաղաքական և հավատի հիման վրա, և յուրաքանչյուրը իր ընկերներին էր առավելություն տալիս։ Հետևաբար, ես սկսեցի մերոնց առավելություն տալ, մի բան, որ արդեն մի փոքր զիջում էր։ Նույնիսկ մերոնց մեջ չկարողացա կատարյալ հավասարություն պահպանել։ Նայած իմ ընկերների վիճակին և այն աշխատանքին, որ նրանք պետք է կատարեին, սրան կամ նրան առավելություն էի տալիս։ Այս տարբերությունները հեռուն են տանում, կարող եք ինձ հավատալ։ Բայց վստահաբար ես հոգնել եմ և այլևս փափագ չունեմ այդ ժամանակաշրջանի մասին մտածելու։ Ասեմ, որ եկավ մի ժամանակ, որ շրջանակը փակվեց, երբ խմեցի մի մահացող ընկերոջ ջուրը։ Ոչ, ոչ, Դյուկեկլենը չէր, նա կարծեմ արդեն մահացել էր, նա իրեն շատ էր զրկում։ Հետո, եթե նա այնտեղ լիներ, նրա սիրույն ավելի երկար կդիմանայի, որովհետև սիրում էի նրան, այո, սիրում, ինձ առնվազն այդպես է թվում։ Բայց ես ջուրը խմեցի, սա հաստատ է, ինձ համոզելով, որ մյուսները ավելի շատ իմ կարիքը ունեն, քան նրա, որ ամեն դեպքում մեռնելու էր։ Ես ինձ պետք է պահպանեի նրանց համար։ Այսպես մահվան արևի տակ ծնվում են կայսրություններն ու եկեղեցիները, սիրելիս։ Եվ սրբագրելու համար մի քիչ իմ երեկվա ճառերը, ձեզ հայտնելու եմ մեծ գաղափարը, որ ունեցա բոլոր այս բաների մասին խոսելիս, որոնք այլևս նույնիսկ չգիտեմ, ապրե՞լ եմ, թե երազել։ Իմ մեծ գաղափարն այն է, որ պետք է ներել Պապին։ Նախ՝ նա ավելի կարիք ունի ներողամտության, քան ուրիշ մեկը։ Հետո, դա միակ ձևն է ինքն իրեն նրանից բարձր դասելու համար...

Օհ, դուռը լավ ծածկե՞լ եք։ Այո՞։ Ստուգեցեք, եթե կարելի է։ Ներեցեք ինձ, ես կողպեքի տարօրինակ բարդույթ ունեմ։ Քնելու պահին երբեք չեմ կարող հիշել, թե սողնակը գցե՞լ եմ։ Ամեն երեկո պետք է վեր կենամ ու ստուգեմ։ Ոչ մի բանի վստահ լինել չես կարող, ինչպես ասել եմ ձեզ։ Չկարծեք սակայն, որ դուռը կողպված պահելու այս անհանգստությունը վախեցած կալվածատիրոջ արարք է։ Կար ժամանակ, որ իմ բնակարանը չէի կողպում, ոչ էլ ավտոմեքենաս։ Ես իմ փողը չէի պահում, կապված չէի իմ ունեցածին։ Ճիշտն ասած, մի քիչ ամաչում էի ունենալուց։ Եվ հաճախ դահլիճներում իմ ելույթների ընթացքում խորը համոզումով բղավում էի. «Ունեցվածքը, պարոններ, սպանություն է»։ Բավականին մեծահոգի չլինելով, որպեսզի իմ հարստությունները բաժանեի կարիքավոր մի աղքատի հետ, ես այն թողնում էի պատահական գողի տրամադրության տակ, այսպիսով հուսալով ուղղել պատահական անարդարությունը։ Այժմ ես ոչինչ չունեմ։ Հետևաբար իմ ապահովությամբ չեմ մտահոգված, այլ ինքս ինձնով և իմ պատրաստաբանությամբ, ինքնատիրապետումով։ Բացի դրանից, ես պետք է վստահ լինեմ, որ իմ փոքր տիեզերքի դուռը ամուր փակված լինի, մի աշխարհ, որի և թագավորն եմ, և Պապը, և դատավորը։

Խնդրում եմ, եթե կարելի է, բացեք այս որմնադարանը։ Այդ նկարը, այո, նայեցեք այդ նկարին։ Չե՞ք ճանաչում։ «Արդար դատավորներն» է։ Զարմանքից վեր֊վեր չե՞ք թռչում։ Ձեր դաստիարակությունը պակասնե՞ր ունի։ Սակայն, եթե թերթերը կարդացած լինեիք, կհիշեիք 1934 թվականին Գենտի Սուրբ Բավոնի եկեղեցում կատարված մի գողություն։ Անհետացավ Վան Էյքի նշանավոր «Խորհրդավոր Գառնուկը» խորանի նկարազարդումներից մի պաննո, որ կոչվում էր «Արդար դատավորներ»։ Այդ պաննոն ներկայացնում էր ձիավոր դատավորներ, որոնք գալիս էին սուրբ կենդանուն պաշտելու։ Դրա տեղը մի հիանալի կրկնօրինակ դրեցին, որովհետև բնանկարը չգտնվեց։ Դե, ահավասիկ այն։ Ոչ, ոչ, ես ոչ մի դեր չունեմ։ «Մեքսիկո֊սիտիի» մի հաճախորդ, որին դուք նշմարեցիք անցյալ օրը, հարբեցողության մի երեկո մի շիշ խմիչքով ծախեց նկարը գորիլլային։ Մեր բարեկամին ես խորհուրդ տվեցի պատի վրա մի լավ տեղ կախել այն և երկար ժամանակ թողնել։ Մինչ գաղտնի ոստիկանները այն փնտրում էին ամբողջ աշխարհում, մեր արդար դատավորները մի քանի տարի տիրություն էին անում «Մեքսիկո֊սիտիում», հարբեցողների և խաբեբաների գլխավերևում։ Հետո գորիլլան իմ պահանջի վրա այն դրեց պահեստում, այստեղ։ Նա մի քիչ դժկամում էր, բայց վախեցավ, երբ գործը ինչպես պետք էր բացատրեցի։ Այդ օրվանից դատարանի այս հարգարժան ներկայացուցիչները իմ միակ ընկերակիցներն են։ Ներքևում դուք տեսաք, թե ինչ դատարկություն են դրանք ստեղծել դրամարկղի վերևում։

Ինչու պաննոն չվերադարձրի՞։ Ա՛հ, ա՛հ։ Դուք ոստիկանի բնազդ ունեք։ Շատ լավ, ձեզ կպատասխանեմ, ինչպես պիտի պատասխանեի քննիչին, եթե որևէ մեկը հայտարարեր, որ այս նկարը սխալմամբ իմ սենյակն է ընկել։ Առաջին, որովհետև իմը չէ, այլ «Մեքսիկո֊սիտիի» տիրոջը, որը նույնքան արժանի է դրան, որքան Գենտի եպիսկոպոսը։ Երկրորդ, որովհետև «Խորհրդավոր Գառնուկի» առջևով անցնողներից ոչ մեկը կարողություն չուներ կրկնօրինակը բնագրից զատորոշելու և, հետևաբար, ոչ ոք իմ պատճառով անիրավված չէր։ Երրորդ, որովհետև շնորհիվ այս պատմության, ես զգում էի իմ հզորությունը։ Կեղծ դատավորներ են դրված աշխարհի հիացումի առջև, և ես միակն եմ, որ գիտեմ իրականների տեղը։ Չորրորդ, որովհետև այս ձևով ես հնարավորություն ունեմ բանտարկվելու, որոշ իմաստով հրապուրիչ մի գաղափար, մի հնարավորություն։ Հինգերորդ, որովհետև այս դատավորները գառնուկի մոտ ժամադրության են գնում, երբ այլևս գառնուկ չկա, ոչ էլ անմեղություն, և, հետևաբար, ճարպիկ ավազակը, որ գողացել էր պաննոն, անծանոթ արդարության մի գործիք էր դարձել, որին պետք չէր հակառակվել։Եվ վերջապես, որովհետև այս ձևով ամեն ինչ իր տեղն էր դրվում։ Այսպիսով, արդարությունը վերջնականապես բաժանվում էր անմեղությունից, առաջինը խաչ բարձրանալով, իսկ երկրորդը՝ մտնելով այս որմնախորշը, և ես ազատ դաշտ էի ունենում աշխատելու ըստ իմ համոզմունքների։ Ես կարող եմ մաքուր խղճով կատարել խոստովանեցնող֊դատավորի իմ աշխատանքը, որին հասել եմ այնքան տառապանքներից, կասկածներից և հակասություններից հետո։ Արդեն ժամանակն է, քանի որ դուք շուտով գնալու եք, ասել, թե վերջապես այդ ինչ մասնագիտություն է։

Նախքան այդ, թույլ տվեք մի քիչ բարձրանալ, որպեսզի ավելի, լավ շնչեմ։ Օ՜հ, որքան հոգնած եմ։ Իմ դատավորներին իրենց տեղը դրեք և կողպեք։ Այժմ խոսենք խոստովանեցնող֊դատավորի իմ աշխատանքի մասին։ Սովորաբար իմ գրասենյակները գտնվում են «Մեքսիկո֊սիտիում»։ Բայց մեծ կոչումները շարունակվում են նաև աշխատանքի վայրից դուրս։ Նույնիսկ անկողնում, նույնիսկ ջերմության մեջ ես աշխատում եմ։ Այս գործը, ճիշտն ասած, չեն անում, այլ ամեն ժամ շնչում են։ Չկարծեք, որ հինգ օր ես ձեզ այնքան երկար ճառեր եմ ասել միայն հաճույքի համար։ Ոչ, անցյալում բավականին շատ խոսել եմ, աշխատելով որևէ բան չասել։ Այժմ իմ ճառերը նպատակ ունեն։ Նրանք իրականում ուզում են ծիծաղները լռեցնել, ինձ օգնել դատապարտությունից խուսափելու, թեև, ըստ երևույթին, ոչ մի ելք չկա։ Դրանից խուսափելու ամենամեծ արգելքը այն է, որ մենք առաջինն ենք մեզ դատապարտողը։ Ուրեմն, պետք է սկսել դատապարտումը բոլորի վրա տարածելով, առանց խտրության, որպեսզի մեր պարտքը հնարավորին չափ պակաս լինի։

Ոչ ոքի համար ներում չի լինելու, ահա իմ հիմնական սկզբունքը։ Ես ուրանում եմ բարի ցանկությունը, հարգելի սխալը, անզգույշ քայլը, մեղմացուցիչ հանգամանքները։ Ինձ մոտ չեն օրհնում, թողություն չեն բաժանում։ Պարզապես գումարում են և հետո ասում. «Այսքան է անում։ Դուք խաթարված եք, կնամոլ, ստախոս, արվամոլ, արվեստագետ, և այլն»։ Այսպես չոր։ Փիլիսոփայության մեջ, ինչպես քաղաքականության, ես կողմ եմ ամեն մի տեսության, որ մարդուն մերժում է անմեղություն, կողմ եմ ամեն մի գործնական միջոցառման, որ նրան հանցավոր է համարում։ Սիրելիս, դուք իմ մեջ տեսնում եք ստրկության մի լուսավորված կողմնակից։

Առանց ստրկության, ճիշտն ասած, վերջնական լուծում չկա։ Ես դա շատ շուտ հասկացա։ Անցյալում ազատության մասին միայն խոսում էի։ Առավոտյան նախաճաշին ես այն դնում էի իմ հացի շերտի վրա, ամբողջ օրը ծամում և աշխարհ տանում ազատությամբ հրաշալիորեն թարմացած մի շունչ։ Տիրական այս բառով հարվածում էի, ով ինձ հակաճառում էր. ես այն դրել էի իմ ցանկությունների և իմ հզորության ծառայության տակ։ Ես այն շշնջում էի անկողնում, իմ քնած ընկերուհիների ականջին, և այն ինձ օգնում էր՝ երբ ցանկանում էի հեռանալ նրանցից։ Ես այն սահեցնում էի... Դե լավ, հուզվում եմ և չափը կորցնում։ Ի վերջո, ազատությունը ես դարձրի շատ անշահախնդիր գործունեության առարկա, և, նույնիսկ իմ միամտության չափը դատեցեք, երկու կամ երեք անգամ պաշտպանել եմ այն, անշուշտ, առանց նրա համար մեռնելու աստիճանին հասնելու, բայց որոշ վտանգի ենթարկվելով։ Պետք է ինձ ներել այդ անզգուշությունների համար. չէի հասկանում, թե ինչ եմ անում։ Չէի հասկանում, որ ազատությունը վարձատրություն չէ, ոչ էլ շքանշան, որ շամպայն֊գինիով են նշում։ Ոչ էլ, անշուշտ, մի նվեր, քաղցրավենիքի մի տուփ, որ երեխայի նման ձեր մատները լիզեք։ Օ՜հ, ո՛չ, ընդհակառակը, ազատությունը տառապարհակ աշխատանք է և երկար տարածության միայնակ և շատ հոգնեցուցիչ վազք։ Շամպայն չկա, բարեկամներ չկան, որոնք բաժակները բարձրացրած, քնքշությամբ քեզ նայեն։ Մենակ՝ տխուր ու խոժոռ մի դահլիճում, մենակ՝ բանտախցում և դատավորների դիմաց, մենակ ինքդ քո և ուրիշների նկատողության առաջ, և պետք է որոշես։ Բոլոր ազատությունները վերջանում են դատապարտումով, ահա թե ինչու ազատությունը շատ ծանր է տանելու համար, մանավանդ երբ ոչ ոքի չես սիրում։

Ահ, սիրելիս, ով մենակ է, առանց Աստծո և առանց տիրոջ, նրա համար օրերի ծանրությունը սարսափելի է։ Ուրեմն պետք է մի տեր ընտրել, քանի որ Աստված այլևս մոդա չէ, թեև այս բառը այլևս իմաստ չունի և չարժե դրանով որևէ մեկին զարմացնելու փորձ անել։ Վերցրեք այնքան լուրջ մեր բարոյախոսներին, որոնք սիրում են իրենց հարևանին և ամեն ինչ, և ի վերջով ոչինչ նրանց չի բաժանում քրիստոնյաների վիճակից, եթե ոչ՝ միայն այն, որ եկեղեցում չեն քարոզում։ Ըստ ձեզ ի՞նչն է նրանց խանգարում դարձի գալուց։ Հարգանքը գուցե, մարդկանց հարգանքը, այո, մարդկային հարգանքը։ Նրանք չեն խայտառակել, նրանք իրենց զգացումները իրենց են պահում։ Ես ճանաչում էի, օրինակ, մի աթեիստ վիպագրի, որ ամեն գիշեր աղոթում էր։ Դա բոլորովին չէր խանգարում, թե ինչպես էր նա բնութագրում Աստծուն իր գրքերում. ինչ ժանգոտություն, ինչ փոշի պիտի ասեր արդեն չգիտեմ ով։ Մի շատ ազատամիտ ակտիվիստ, որին ես բացվեցի, առանց վատ նպատակների թևը երկինք բարձրացրեց. «Դուք ինձ նոր բան չեք սովորեցնում,— հոգոց հանեց այդ առաքյալը,— բոլորն այդպես են»։ Ըստ նրա, մեր գրողների ութսուն տոկոսը, եթե միայն կարողանար չստորագրել, գրելու և օրհներգելու էր Աստծո անունը։ Բայց ստորագրում են, ըստ նրա, որովհետև սիրում են իրենք իրենց և ոչ մի բան չեն օրհներգում, որովհետև իրենք իրենց ատում են։ Եվ որովհետև, համենայն դեպս, չեն կարող դատելուց դադարել, հետևաբար հարձակվում են բարոյականության վրա։ Կարճ ասած, նրանց սատանայությունը առաքինի է։ Տարօրինակ ժամանակներ են, իրապես։ Ի՞նչ զարմանալի բան կա, որ մտքերը շփոթ են. իմ բարեկամներից մեկը, որ աթեիստ եղած ժամանակ օրինակելի ամուսին էր, հավատքի դարձի գալուց հետո շնացող դարձավ։

Ահ, փոքրիկ, ծածկամիտ սմսեղուկներ, ծաղրածուներ, երկերեսանիներ և, դրանով հանդերձ, սրտաշարժ մարդիկ։ Հավատացեք ինձ, բոլորն էլ այդպես են, նույնիսկ եթե երկնքին կրակ տան։ Աթեիստ լինեն, թե հավատացյալներ, մոսկվացիներ, թե բոստոնցիներ, բոլոր այդ նորից որդի քրիստոնյաները։ Բայց ճիշտն ասած, այլևս հայրեր չկան, ոչ էլ օրենք։ Ուրեմն ազատ են և պետք է գլուխները պահեն, որովհետև նրանք մանավանդ ազատություն չեն ուզում, ոչ էլ նրա դատավճիռը։ Նրանք խնդրում են, որ ամեն ինչ իրենց առձեռն տրվի, նրանք սարսափելի օրենքներ են հնարում. նրանք վազում են խարույկներ սարքելու, որպեսզի դրանցով եկեղեցիներին փոխարինեն։ Սավոնարոլաներ են, իսկական սավոնարոլաներ։ Նրանք միշտ պատրաստ են հավատալու միայն մեղքին, բայց երբեք ներողամտությանը։ Անկասկած նրանք այդ մասին են մտածում։ Ներողամտություն. ահա թե ինչ են ուզում նրանք իրենց համար, նրանք ուզում են իրենց արածի հաստատումը, իրենց ուժերի նկատմամբ վստահություն, կյանքի ամբողջական վայելում։ Նրանք նաև զգայական էակներ են, դրա համար էլ երազում են նշանդրեքներ, երիտասարդ թարմ աղջիկներ, նվիրված ընկերներ, հրաշալի երաժշտություն։ Ես, որ սենտիմենտալ չեմ, գիտե՞ք, թե ինչ եմ երազում, մի իդեալական սեր, որ լցնում է ամբողջ հոգին և մարմինը ցերեկ թե գիշեր, անդադրում գրկախառնումների մեջ, մարմնական վայելքներով և մտային հուզումով լեցուն, և այս թող իրականանար հինգ տարի անընդհատ և թող մահվամբ վերջանար։ Ավա՜ղ։

Այն ժամանակ, իդեալական սիրո և նշանդրեքի արարողության փոխարեն կլինի ամուսնություն, կոպիտ ուժի և գավազանի օգնությամբ։ Կարևորն այն է, որ ամեն ինչ պարզ է դառնում, երեխայական, որի յուրաքանչյուր արարքը պետք է հրամայվի, որին բարին ու չարը պետք է ցույց տրվի մի անգամ, ընդմիշտ ու վերջնականապես։ Եվ ես լրիվ համաձայն եմ դրա հետ, որքան էլ սիցիլիացի կամ ճավայեցի լինեմ, թեև երբեք ուղղափառ քրիստոնյա չեմ եղել, որքան էլ համակրանք ունենամ առաջինի նկատմամբ։ Ժամանակին, Փարիզի կամուրջների վրա, ես հասկացա, որ ազատությունից վախենում եմ։ Ուրեմն՝ կեցցե՛ տերը, ով էլ լինի, քանի այն փոխարինում է երկնային օրենքին։ «Հայր մեր, որ ժամանակավորապես այստեղ ես... Մեր առաջնորդը, մեր քնքշորեն խիստ պետը, օ՜, վայրագ և շատ սիրված ղեկավար...»։ Վերջապես, տեսնո՞ւմ եք, կարևորը այլևս ազատ չլինելն ու զղջալով հնազանդվելն է մի ավելի ճարպիկի, քան ինքդ ես։ Երբ մենք բոլորս ընդունենք մեր հանցավոր լինելը, այդ ժամանակ դեմոկրատիա կլինի։ Պետք է հաշտվել, սիրելի բարեկամ, որ պարտավոր ենք վրեժ լուծել մենակ մեռնելու ստիպված լինելու համար։ Մահը մենակ է, մինչ ստրկությունը հավաքական է։ Ամեն մարդ իր բաժինը կստանա, բայց ամենակարևորն այն է, որ կստանա ուրիշների հետ։ Եվ այսպես, բոլորս ի վերջո միացած ենք, բայց ծնկի եկած, գլուխներս խոնարհած։

Ավելի լավ չէ՞, իսկապես, ապրել հասարակության նմանողությամբ, և դրա համար անհրաժեշտ չէ՞, որ հասարակությունը ինձ նմանվի։

Սպառնալիքը, անպատվությունը, ոստիկանը այս նմանության սրբագործումներն են։ Արհամարհված, հալածված, դժգոհ, ուրեմն կարող եմ ցույց տալ իմ արժեքը, վայելել իմ ունեցած վիճակը, վերջապես՝ բնական լինել։ Ահա թե ինչու, սիրելիս, հանդիսավորապես ողջունելուց հետո ազատությունը, ես որոշեցի գազանորեն և անհապաղ այն տալ որևէ ուրիշի։ Եվ յուրաքանչյուր անգամ, որ կարող եմ, քարոզում եմ իմ «Մեքսիկո֊սիտիի» եկեղեցում, բարի մարդկանց հորդորում եմ ենթարկվել իշխանության և վայելել ստրկության հարմարավետությունը, որը ներկայացնում եմ որպես իսկական ազատություն։

Բայց ես խենթ չեմ, ես շատ լավ հասկանում եմ, որ ստրկությունը մոտակա ժամանակների համար չէ։ Դա ապագայի օրհնություններից մեկն է լինելու, ահա ամբողջը։ Մինչ այդ ես պետք է կարգավորեմ ներկան և առնվազն ժամանակավոր մի լուծում գտնեմ։ Հետևաբար ինձ պետք եղավ ուրիշ միջոց գտնել դատապարտությունը բոլորի վրա տարածելու համար, որպեսզի այն ավելի թեթև դարձնեմ իմ սեփական ուսերին։ Ես գտա այդ միջոցը։ Մի քիչ լուսամուտը բացեք, խնդրում եմ, այստեղ անսովոր տաք է։ Շատ մի բացեք, որովհետև նաև մրսում եմ։ Իմ գաղափարը միաժամանակ պարզ է և բեղմնավոր։ Ինչպե՞ս անել, որ ամբողջ աշխարհը բաղնիք մտնի, որպեսզի ես իրավունք ունենամ ինքս ինձ արևի տակ չորացնել։ Ինչպես իմ բազմաթիվ նշանավոր ժամանակակիցները, պիտի ես էլ բարձրանամ քարոզիչի ամբիոն և անիծեմ մարդկությանը։ Ոչ, դա շատ վտանգավոր է։ Մի օր կամ մի գիշեր ծիծաղը կպայթի առանց զգուշացնելու։ Ուրիշների վրա արձակված վճռի նետը կշրջվի ուղիղ դեպի ձեզ և այնտեղ վերադառնալով ավերներ կգործի։ Ինչ անել այդ ժամանակ։ Ասացեք։ Եվ ահա իմ հանճարի հարվածը։ Ես հայտնաբերեցի, որ տերերի և նրանց մտրակների գալստյանը սպասելիս մենք պարտավոր էինք, հանուն վերջնական հաղթանակի, Կոպեռնիկոսի նման, շուռ տալ տրամաբանությունը։ Քանի որ հնարավոր չէր մյուսներին դատապարտել, առանց անմիջապես ինքն իրեն դատելու, պետք էր մենք մեզ դատապարտեինք ամենախիստ կերպով, ուրիշներին դատելու իրավունք ունենալու համար։ Քանի որ յուրաքանչյուր դատավոր ավարտում է մի օր խոստովանեցնող դառնալով, պետք է հակառակ ուղղությամբ ճանապարհ ելնել և սկզբում խոստովանեցնող լինել որպես դատավոր ավարտելու համար։ Հասկանո՞ւմ եք ինձ։ Լավ։ Բայց ավելի պարզ լինելու համար ես ձեզ պիտի ասեմ, թե ինչպես եմ աշխատում։

Նախ փակեցի իրավաբանի իմ գրասենյակը, հեռացա Փարիզից, ճանապարհորդեցի։ Ես փորձեցի ուրիշի անվան տակ, ուրիշ մի վայրում հաստատվել, ուր աշխատելը ինձ հարմար լիներ։ Աշխարհում շատ վայրեր կան, բայց պատահականությունը, հարմարավետությունը, ծաղրը և մահացության անհրաժեշտությունը ինձ ընտրել տվեցին ջրերի և մառախուղների մայրաքաղաքը, որ սեղմված է ջրանցքների արանքում, ուր հատկապես խռնվում են ամբողջ աշխարհից եկած այցելուները։ Ես իմ գրասենյակը հաստատեցի նավաստիների թաղամասում։ Նավահանգիստների հաճախորդները բազմատեսակ են լինում։ Աղքատները փայլուն թաղամասեր չեն գնում, մինչդեռ հարուստ մարդիկ միշտ ավարտում են ձախողելով ու գոնե մեկ անգամ վատահամբավ վայրերում կորցնում են իրենց հոգեկան հավասարակշռությունը։ Դուք օրինակը տեսաք։ Ես հատկապես հսկում եմ բուրժուաներին, և նրանք այնտեղ թափառում են։ Նրանցից է, որ լավագույն արդյունքներ եմ ստանում։ Ես նրանցից քաղում եմ, զարմանալի վիրտուոզությամբ քաղում եմ ամենանուրբ հնչյունները։

Ուրեմն, որոշ ժամանակ է, ինչ ես «Մեքսիկո֊սիտիում» գործադրում եմ իմ օգտակար մասնագիտությունը։ Այն նախ և առաջ կազմված է, դուք դրա փորձառությունը ունեցաք, որքան հնարավոր է հաճախ հասարակության առաջ խոստովանելուց։ Ես ինձ դատապարտում եմ լայնքով և երկայնքով։ Դա շատ դժվար չէ այժմ, երբ ես հիշողություն ունեմ։ Բայց՝ ուշադրություն, ես ինձ կոպիտ կերպով չեմ դատապարտում, կրծքիս ուժգին հարվածներ տալով։ Ոչ, ես նավարկում եմ ճկունությամբ, բազմապատկում եմ նրբերանգները, նաև շեղումները, ես իմ ճառերը հարմարեցնում եմ ունկնդիրներին, այս վերջինին հարստացնում եմ։ Խառնում եմ ինչ ինձ է վերաբերում և ինչ ուրիշներին է վերաբերում։ Ես վերցնում եմ ընդհանուր գծերը, այն փորձառությունները, որոնցով միասին տառապել ենք, թուլությունները, որ բաժանում ենք, բարի տոնը, վերջապես օրվա մարդը՝ այնպես, ինչպես հարատևում է իմ և ուրիշների մեջ։ Դրանով ես ստեղծում եմ մի դիմանկար, որ բոլորինն է, և ոչ մեկինը։ Մի դիմակ, վերջապես, բավականին նման դիմակահանդեսի դիմակներին, միաժամանակ նման և պարզեցված, և որի առջև ասում են. «Դե, անշուշտ, այս մեկին հանդիպել եմ»։ Երբ դիմանկարը ավարտված է, ինչպես այս երեկո, ես այն ցույց եմ տալիս մեծ վշտով. «Ահա, ավաղ, այն, ինչ ես եմ»։ Ամբաստանագիրն ավարտված է։ Բայց նույն հարվածով այդ դիմանկարը, որ մեկնում եմ իմ ժամանակակիցներին, հայելի է դառնում։

Մոխիրներով պատած, դանդաղորեն մազերս պոկելով, դեմքս եղունգներիցս վիրավոր, բայց ծակող հայացքով ես կանգնում եմ ամբողջ մարդկության առջև, ցուցադրում իմ ամոթները, բայց առանց աչքից կորցնելու տպավորությունը, որ գործում եմ, ասելով. «Ես վերջիններից վերջինն էի»: Այդ ժամանակ, անզգայաբար, իմ խոսքի մեջ «ես»֊ից անցնում եմ «մենք»֊ի։ Երբ հասնում եմ «Ահա թե ինչ ենք մենք»֊ի, խաղը խաղացված է, կարող եմ նրանց ասել ճշմարտությունը։ Ես նրանց նման եմ, անշուշտ, մենք նույն կաթսայի մեջ ենք եփվում։ Միայն թե ես մի առավելություն ունեմ, իմանալու առավելությունը, որը ինձ խոսելու իրավունք է տալիս։ Վստահ եմ, այդ առավելությունը տեսնում եք։ Որքան ես դատապարտում եմ ինձ, այնքան իրավունք եմ ունենում դատելու ձեզ։ Ավելին, ես ձեզ մղում եմ ինքներդ ձեզ դատելուն, մի բան, որ ինձ թեթևացնում է։ Ահ, սիրելիս, մենք տարօրինակ, թշվառական էակներ ենք և որքան էլ քիչ հետադարձ հայացք նետենք մեր կյանքին, առիթներ չեն պակասում զարմանալու և ամոթահարվելու։ Փորձեցեք հիշել ձեր մոռացածը։ Վստահ եղեք, որ եղբայրորեն, մեծ զգացումով լսելու եմ ձեր սեփական խոստովանությունը։ Մի ծիծաղեք։ Այո, դուք դժվար հաճախորդ եք, ես այդ առաջին հայացքից իսկ հասկացա։ Բայց ուշ կամ կանուխ իմ օրինակին կհետևեք, դա անխուսափելի է։ Իմ զրուցակիցներից շատերը ավելի զգացական են, քան խելացի, նրանց անմիջապես կարելի է ապակողմնորոշել։ Խելացիների հետ պետք է շատ ժամանակ կորցնել։ Նրանց բավական է մեթոդը խորապես բացատրել։ Նրանք այն չեն մոռանում, նրանք կշռադատում են։ Եվ մի օր կամ մյուսը, կիսով չափ որպես խաղ, կիսով չափ որպես հոգեկան բավարարում, նստում են սեղանի առաջ։ Դուք, դուք ոչ միայն խելացի եք, դուք շրջահայաց տեսք ունեք։ Խոստովանեցեք սակայն, որ դուք այսօր ավելի պակաս եք գոհ զգում, քան հինգ օր առաջ։ Այժմ ես կսպասեմ, որ դուք ինձ գրեք կամ վերադառնաք։ Որովհետև պիտի վերադառնաք, վստահ եմ։ Եվ ինձ կգտնեք նույն վիճակում։ Ինչո՞ւ պիտի փոխվեմ, քանի որ գտել եմ ինձ հարմար երջանկությունը։ Ես ընդունել եմ երկակիությունը, փոխանակ դրանից հուսահատվելու։ Ես հաստատվել եմ դրա մեջ, ընդհակառակը, և այնտեղ գտել եմ հարմարավետությունը, որը ամբողջ կյանքիս ընթացքում փնտրել եմ: Իրականում ես սխալ արեցի ասելով ձեզ, որ կարևորը դատապարտությունից խուսափելն էր։ Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույլ տալ կարողանալն է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը։ Ես ինձ նորից ամեն ինչ թույլ եմ տալիս, այս անգամ առանց ծիծաղելու։ Ես կյանքիս ձևը չեմ փոխել, շարունակում եմ ինձ սիրել և ուրիշներին օգտագործել։ Իմ սխալների խոստովանությունը ինձ թույլ է տալիս ավելի թեթև ձևով վերսկսել և երկու անգամ վայելել սկիզբը՝ շնորհիվ իմ բնավորության, հետո՝ ի հաշիվ իմ հմայիչ զղջումի։

Այն ժամանակվանից, որ ելք եմ գտել, ես ինձ ամեն ինչ թույլ եմ տալիս. սիրել կանանց, հպարտ լինել, ձանձրանալ, զղջալ և նույնիսկ ջերմություն ունենալ, որի բարձրանալը հաճույքով զգում եմ այս պահին։ Ի վերջո իշխում եմ, բայց այս անգամ, իմ իշխանությունը արդեն մշտական է։ Գտել եմ նաև մի գագաթ, ուր մենակս եմ մագլցել և որտեղից կարող եմ ամբողջ աշխարհը դատել։ Երբեմն, հեռվից հեռու, երբ գիշերը իսկապես գեղեցիկ է, հեռավոր մի ծիծաղ եմ լսում, նորից սկսում եմ կասկածել։ Բայց արագ հաղթահարում եմ ինքս ինձ, ամեն տեսակ էակ և ստեղծագործություն ճզմում եմ իմ անկարողության ծանրության տակ... վերածնվում եմ։

Ուրեմն ձեզ կսպասեմ «Մեքսիկո֊սիտիում», որքան ժամանակ որ անհարժեշտ լինի։ Վստահ եմ, որ կվերադառնաք ձեր հարգանքները մատուցելու ինձ։ Խնդրում եմ այս ծածկոցը քիչ բարձրացնել, ուզում եմ ազատ շնչել։ Գալու եք, չէ՞։ Ձեզ նույնիսկ ցույց կտամ իմ տեխնիկայի մանրամասները, որովհետև ձեր նկատմամբ մի տեսակ համակրանք ունեմ։ Դուք կտեսնեք, թե ինչպես, ամբողջ երեկոյի ընթացքում, նրանց կսովորեցնեմ ստորհոգի լինել։ Այս գիշեր իսկ վերսկսելու եմ աշխատել։ Չեմ կարող դրանից ձեռք քաշել, ոչ էլ ինձ զրկել այն պահերից, երբ նրանցից մեկն ու մեկը փուլ է գալիս ալկոհոլի օգնությամբ և կուրծքն է ծեծում։ Այդ ժամանակ ես մեծանում եմ, սիրելիս, մեծանում եմ, ազատ եմ շնչում, և մինչ դաշտը փռվում է հայացքիս առաջ, ինձ զգում եմ լեռան վրա։ Ինչ գինովություն, իրեն զգալ հայր աստված և վատ վարքի ու կյանքի վերջնական վկայագրեր բաժանել։ Ես թագավորում եմ իմ հիմար հրեշտակների մեջ, հոլանդական երկնքի գագաթին, դիտում եմ ջրից և մառախուղից դեպի ինձ բարձրացող Վերջին դատաստանի բազմությունը։ Նրանք դանդաղ են բարձրանում, արդեն տեսնում եմ նրանցից առաջինին։ Նրա շփոթված, մի ձեռքով կիսածածկած դեմքի վրա կարդում եմ նրա ընդհանուր վիճակի տխրությունը և անհուսությունը՝ դրանից խուսափել չկարողանալու համար։ Եվ ես խղճում եմ առանց վերլուծելու, հասկանում եմ առանց ներելու և, մանավանդ, ա՛հ, վերջապես զգում եմ, որ ինձ պաշտում են։ Այո, վեր եմ կենում, ինչպե՞ս կարող էի պառկած մնալ։ Ես պետք է ձեզնից բարձր լինեմ, իմ մտածածները ինձ բարձրացնում են։ Այս գիշերներին, մանավանդ այս առավոտներին, որովհետև անկումը տեղի է ունենում արշալույսին, ես դուրս եմ գալիս, երազուն հայացքով քայլում եմ ջրանցքների երկայնքով։ Գունաթափ երկնքում փետուրների շերտերը նոսրանում են, աղավնիները մի քիչ բարձրանում են, տանիքների վրա ընկած վարդագույն լույսի շերտը ավետում է իմ ստեղծագործության մի նոր օրը։ Դամրակի վրա առաջին տրամվայը աղմկում է խոնավ օդում և կյանքի զարթոնքն է հնչեցնում Եվրոպայի այս ծայրում, ուր, նույն պահին հարյուր միլիոնավոր մարդիկ, իմ ենթակաները, դժվարությամբ իրենք իրենց անկողնուց դուրս են քաշում, դառը բերաններով գնալու համար մի աշխատանքի, որը նրանց չի ուրախացնում։ Այդ ժամանակ ես մտքով թևածում եմ ինձ ենթարկվող այս ամբողջ երկրի վրա, որը այն չի գիտակցում խմելով աբսենտով ողողված լույսը, որ բարձրանում է։ Վերջապես հարբած վատ խոսքերից, ես երջանիկ եմ, ես երջանիկ եմ, ասում եմ ձեզ, ես ձեզ արգելում եմ չհավատալ, որ ես երջանիկ եմ, մեռնելու աստիճան երջանիկ։ Օ՛հ, արև, ծովեզերք և քամուց ծեծված կղզիներ, երիտասարդություն, որի հիշողությունը ինձ հուսահատեցնում է։

Ես նորից պառկում եմ, ներեցեք ինձ։ Վախենում եմ, որ հոգնեմ, սակայն լաց չեմ լինում։ Երբեմն մարդ շփոթվում է, փաստի վրա կասկածում, նույնիսկ, երբ գտնում է լավ կյանքի գաղտնիքը։ Իմ լուծումը, անշուշտ իդեալական չէ։ Բայց երբ սեփական կյանքը չես է սիրում, երբ գիտես, որ պետք է այն փոխել, ընտրություն չունես, այդպես չէ՞։ Ինչպե՞ս անել ուրիշ մարդ դառնալու համար։ Անկարելի է։ Պետք է մոռանալ որևէ մեկ լինելդ, ուրիշի համար ինքդ քեզ մոռանալ առնվազն մի անգամ։ Բայց ինչպե՞ս։ Իմ նկատմամբ շատ խիստ մի եղեք։ Ես այն ծեր մուրացկանի նման եմ, որ չէր ուզում ձեռքս թողնել մի օր, մի սրճարանի պատշգամբում։ «Ահ, պարոն,— ասում էր նա,— վատ մարդիկ պարզապես չեն լինում, այլ՝ մարդիկ, որ լույսը կորցրած են լինում»։ Այո, մենք մեր լուսատու աստղն ենք կորցրել, մեր առավոտները, մեր սուրբ անմեղությունը, որ ինքն իրեն ներում է։

Լուսամուտից դուրս նայեցեք, ձյուն է տեղում։ Օհ, պետք է դուրս գամ։ Ամստերդամը՝ քնած սպիտակ գիշերվա մեջ, ջրանցքների մութ նեֆրիտները, ձյունածածկ կամրջատակերը, դատարկ փողոցները, իմ խեղդված ոտնաձայները... Այո, դա հենց մաքրություն է, կարճատև մաքրություն վաղվա ցեխից առաջ։ Նայեցեք հսկա ձնագնդերին, որոնք թռչկոտում են ապակիների դիմաց։ Դրանք ապահովաբար աղավնիներ են։ Նրանք ի վերջո որոշել են ցած իջնել, այս սիրելիները, նրանք ծածկում են ջրերն ու տանիքները փետուրների հաստ շերտով, որոնք դողդողում են բոլոր լուսամուտներին։ Ինչ արշավանք։ Հուսանք, որ նրանք բարի լուր են բերում։ Ամբողջ աշխարհի փրկության լուրը, լսո՞ւմ եք, և ոչ միայն ընտրյալների. հարստություններն ու վշտերը պիտի բաժանվեն, և դուք, օրինակ, այսօրվանից, ամեն գիշեր պիտի քնեք գետնի վրա, ինձ համար։ Իրականանում է անիրականալին։ Դե լավ, խոստովանեցեք, որ շունչներդ պիտի կտրվեր, եթե հանկարծ երկնքից մի աթոռ իջներ և ինձ երկինք տաներ, կամ թե հանկարծ ձյունը կրակ դառնար։ Չե՞ք հավատում։ Ես էլ, բոլոր դեպքերում, պետք է տնից դուրս գամ։

Լավ, լավ, խելոք կմնամ, մի մտահոգվեք։ Այդպես լուրջ մի ընդունեք իմ հուզական պոռթկումները, ոչ էլ իմ ցնդաբանությունները։ Դրանց ես եմ ղեկավարում։ Այժմ, երբ ուզում եք խոսել ձեր մասին, ես պիտի իմանամ, որ իմ ոգևորված խոստովանությունների մի նպատակը իրագործված է։ Ես միշտ հույս ունեմ, իսկապես, որ իմ զրուցակիցը ոստիկան լինի և ինձ ձերբակալի «Արդար դատավորների» գողության համար։ Մնացածի համար ոչ ոք չի կարող ինձ ձերբակալել։ Բայց այս գողությունը օրենքի հարվածի տակ է ընկնում, և ես ամեն ինչ կարգավորել եմ ինձ հանցագործ դարձնելու համար. ես պահում եմ այս նկարը և ցույց ես տալիս, ով ուզում է տեսնել այն։ Ուրեմն դուք ինձ կձերբակալեք, և դա շատ լավ սկիզբ կլինի։ Գուցե հետո կզբաղվեն նաև մնացածով, նրանք ինձ կտոր֊կտոր կանեն, բայց մինչ այդ ես մահանալուց այլևս չեմ վախենա, որովհետև փրկված կլինեմ։ Հավաքված մարդկանցից վերև դուք գուցե կբարձրացնեք դեռևս թարմ իմ գլուխը, որպեսզի նրանք իմ մեջ իրենց ճանաչեն, և որպեսզի ես նորից ներեմ նրանց, և նրանք ինձ որպես օրինակ ընդունեն։ Ամեն ինչ սպառված և շրջանակը վերջապես փակված է, և ես, առանց ինքս ինձ տեսնելու, կավարտեմ կեղծ մարգարեի իմ միսիան, որ բղավում է անապատում և մերժում է այնտեղից դուրս գալ։

Բայց, դժբախտաբար, դուք ոստիկանության հետ կապ չունեք։ Դա մի քիչ շատ պարզ ու հասարակ կլիներ։ Ինչպե՞ս։ Ահ, կասկածում էի, հավատո՞ւմ եք։ Այն տարօրինակ համակրանքը, որ զգում էի ձեր նկատմամբ, ուրեմն իմաստ ուներ։ Ուրեմն Փարիզում դուք իրավաբանի գեղեցիկ մասնագիտությամբ եք զբաղվում։ Ես շատ լավ գիտեի, որ մենք միևնույն ցեղին էինք պատկանում։ Մենք բոլորս իրար նման չե՞նք արդյոք, որ մեր դիմաց եղած մարդկանց և իրար հետ միշտ նույն հարցերի մասին ենք խոսում, թեև պատասխանները վաղօրոք գիտենք։ Դե հիմա պատմեցեք, խնդրում եմ, թե ինչ է պատահել մի գիշեր Սենայի կամուրջների վրա և թե ինչպես ձեզ հաջողվեց բոլորովին վտանգի չենթարկել ձեր կյանքը։ Դուք ինքներդ արտասանեցեք այն բառերը, որոնք արդեն տարիներ ի վեր չեն դադարել հնչել իմ գիշերներում, և որ, վերջապես, պիտի ասեմ ձեր բերանով. «Օ, երիտասարդ աղջիկ, քեզ նորից ջուրը գցիր, որպեսզի երկրորդ անգամին առիթ ունենամ մեզ երկուսիս փրկելու»։ Երկրորդ անգամ, էհ, ինչ անզգամություն։ Ենթադրեցեք, սիրելի պաշտոնակից, որ մեզ բառացի հասկանան։ Եվ պետք լինի այն ի կատար ածել։ Բռռռ... իսկ ջուրը սառն է։ Բայց մի մտահոգվեք, այժմ արդեն շատ ուշ է։ Միշտ շատ ուշ է լինելու։ Բարեբախտաբար։

ՎԵՐՋ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 Հատված Մ. Յու. Լերմոնտովի «Մեր Ժամանակի Հերոսը» վեպի առաջաբանից, Ա. Ա. Խոնդկարյանի թարգմանությամբ, Երևան, Սովետական գրող, 1982։

2 Ֆրանսիացի հայտնի բռնցքամարտիկ։

3 16֊րդ դարի ֆրանսիացի հայտնի զորավար։

4 Դոմինիկյան կարգի իտալացի կրոնավոր։