Երկուսով

Գրապահարան-ից
Երկուսով

հեղինակ՝ Վասիլի Շուկշին
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան

Թամբ կարող Անտիպ Կալաչիկովը մարդկանց զգայուն հոգին ու բարությունն էր հարգում։ Լավ տրամադրության պահերին, երբ տանը համեմատաբար խաղաղ էր լինում, Անտիպը քնքշությամբ ասում էր կնոջը.

― Մարֆա, չնայած ահագին կնիկ ես, բայց՝ անհասկացող։

― Էդ ընչի՞ որ։

― Ընենց․․․ Քո ուզածն ի՞նչ ա։ Որ ես առավոտից իրիկուն կարեմ ու կարեմ։ Բայց ախր ես էլ հոգի ունեմ։ Էդ հոգին էլ ա մեկ֊մեկ ուզում իրար գա, հանաք անի։

― Թքել եմ քո հոգու վրա։

― Է՜խ֊խ...

― Ի՞նչ «էխ»։ Ի՞նչ «էխ»։

— Եսիմ... կուլակ հորդ հիշեցի, աստված հոգին լուսավորի։

Մարֆան՝ ահարկու և խոշոր Մարֆան, ձեռքերը կողերին կանթած, վերևից խստորեն Անտիպին էր նայում։ Կարճլիկ ու չորչորուկ Անտիպը անվարան դիմանում էր նրա հայացրին։

— Հորս հետ գործ չունես․․․ Հասկացա՞ր։

— Ըհը, հասկացա,— հեզությամբ պատասխանում էր Անտիպը։

— Այ ըտե՛նց։

— Ախր շատ ես չոր, է՜, Մարֆոնկա։ Էդպես չի կարելի, հոգիս, սրտիկդ կճաքացնես ու կմեռնես։

Անտիպի հետ համատեղ կյանքի քառասուն տարիների ընթացքում Մարֆան այդպես էլ չկարողացավ հասկանալ՝ երբ է նա լուրջ խոսում, երբ՝ կատակում։

― Գործիդ նայիր, կարի։

― Կարում եմ, հոգիս, կարում եմ։

Կալաչիկովների տանը մշակած կաշվի, եռման ջրի ու կուպրի թունդ ու կայուն հոտ կար կանգնած։ Տունը մեծ էր, լուսավոր։ Ժամանակին մանկական ծիծաղով էր լի, հետո, ավելի ուշ, հարսանիքներ էլ եղան այստեղ, եղան նաև անդուր լռության գիշերային վշտալի ժամեր, երբ ծածկում էին հայելիներն, ու մոմի աղոտ, թույլ ու անուժ լույսը հազիվհազ լուսավորում էր մահվան խորին խորհուրդը։ Ուրիշ շատ բաներ եղան։ Անտիպ Կալաչիկովն իր հուժկու կողակցի հետ տասներկու երեխա կյանքի կոչեց։ Իսկ ընդամենը տասնութն ունեցան նրանք։

Տան տեսքը փոխվում էր տարիների հետ, բայց միշտ անփոփոխ էր մնում Անտիպի աշխատելու տեղը․ վառարանից աջ, միջնորմի ետևը։ Անտիպն այստեղ լծասարքեր էր կարում, սանձեր, թամբ ու թամբիկ, անուրներ էր պատրաստում։ Հենց այդտեղ էլ, պատից կախված էր նրա նվիրական բալալայկան։ Անտիպի կիրքը, նրա ամբողջ կյանքի անբարբառ ու խորունկ սերն էր բալալայկան։ Անտիպը կարող էր ժամերով, գլուխը կողք թեքած նվագել, և հասկանալի չէր՝ գործիքն էր նրան պատմում շատ թանկագին, վաղուց մռմռացված ինչ֊ինչ բաներ, թե նա էր գործիքին հաղորդում իր ծերունական, անշտապ մտորումները։ Նա կարող էր ամբողջ օրն այդպես նստել, ու կնստեր, եթե չլիներ աչալուրջ Մարֆան։ Մարֆային, իրոք, պետք էր, որ նա օրը բոլոր միայն կարեր ու կարեր. անչափ շատ փողասեր էր, կոպեկի վրա դողացող։ Ամբողջ կյանքում նա պայքարում էր Անտիպի բալալայկայի դեմ։ Մի անգամ բանը հասավ նրան, որ զայրույթի պահին առավ ու վառարանի կրակը նետեց գործիքը։ Գունատված Անտիպը կանգնել ու նայում էր, թե ինչպես է այրվում։ Բալալայկան բռնկվեց իսկույն, ասես կեչու կեղև լիներ։ Մարֆան իրեն վատ զգաց,.. Բալալայկան երեք անգամ տնքաց գրեթե մարդու տնքոցով՝ լարերը կտրվեցին, ու մեռավ։ Անտիպը բակ ելավ, կացինն առավ ու մանր-մանր կտրատեց ձևած բոլոր անուրները, բոլոր լծասարքերը, թամբերն ու սանձերը։ Կտրատում էր լուռ, կանոնավոր։ Նստարանի վրա։ Վախեցած Մարֆան ոչ մի բառ չասաց։ Դրանից հետո Անտիպը մի շաբաթ խմում էր ու տուն չեկավ։ Հետո եկավ, պատից կախ արեց նոր բալալայկա և նստեց գործ անելու։ Մարֆան այլևս երբեք չդիպավ բալալայկային։ Բայց ուշադիր հետևում էր Անտիպին, հարևանների մոտ երկար չէր մնում, ընդհանրապես աշխատում էր տնից չհեռանալ։ Գիտեր՝ ոտքը շեմից դուրս դրեց, թե չէ, Անտիպը պատից կառնի բալալայկան ու կնվագի, չի աշխատի։

Մի անգամ, աշնան մի երեկո, նստած էին՝ Անտիպն իր անկյունում, Մարֆան՝ սեղանի մոտ, շլուղերը ձեռքին։

Լուռ էին։

Դրսում՝ թացութոռ, անձրև։ Տանը՝ տաք, հարմար։ Անտիպը փոքրիկ մուրճով անուրի մեջ պղնձյա պստիկ մեխեր էր խփում՝ կըտ֊կըտ, կըտ-կըտ, կըտ֊կըտ֊կըտ․․․

Մարֆան ձեռի գործը մի կողմ դրեց, մտքերի մեջ ընկավ, լուսամուտին նայելով։ Կըտ֊կըտ, կըտ֊կըտ՝ կտկտացնում էր Անտիպը։ Մեկ էլ ժամացույցի ճոճուկն էր չխկչխկում, այն էլ այնպես, որ թվում էր, թե ուր որ է, կկանգնի։ Բայց չէր կանգնում։

Պատուհանի վրա անձրևն էր սփռվում բուռ-բուռ՝ փափուկ ու խլաձայն։

― Էդ ընչի՞ դարդոտվեցիր, Մարֆոնկա,— հարցրեց Անտիպը։― Մի գլուխ մտածում ես, թե ոնց անես, որ շատ փող դիզես, հա՞։

Մարֆան լուսամուտին էր նայում լուռ ու մտազբաղ։ Անտիպը նրան նայեց։

― Ուր որ ա, մեռնելու ենք, մտածես, չմտածես՝ մի հաշիվ ա։ Մտածես, չմտածես՝ հարյուր ռուբլին փող չի։— Անտիպը սիրում էր խոսել աշխատելիս։— Հրես, ամբողջ կյանքս մտածեցի, մտածեցի, մինչև որ քամակս դուրս եկավ։ Աշխատեցի՜։ Բայց դե հարցրու՝ ի՞նչ մի լավ բան տեսար։ Ոչ մի բան։ Ուրիշները գոնե կռիվ գնացին, ապստամբություն-բան արեցին, քաղաքացիականին մասնակցին, հայրենականին... Թե որ մեռան էլ, գոնե քաջի պես մեռան։ Տասնիրեք տարեկանից, էն ա, ոնց նստեցի, նստած էլ մնացի՝ հրես օխտանասուն կըլնեմ։ Համբերություն եմ ասել, է՜։ Հիմի, մի հարցնող ըլնի, ինչի՞ համար եմ աշխատել։ Աչքս փողի վրա չի եղել, թքել եմ փողի վրա։ Մի կարգին մարդ էլ չդառա։ Արած գործս էլ շուտով կվերանա–կգնա՝ թամբ կարող պետք չիլնի։ Մի հարցնող չկա, ինչի՞ համար լուս աշխարհ եկա։

― Էրեխեքի համար,— լրջորեն ասաց Մարֆան։

Անտիպը չէր սպասում, որ կինը խոսակցության մեջ կմտնի։ Սովորաբար ամուսնու շաղակրատանքը նա ընդհատում էր վիրավորական որևէ դիտողությամբ։

— Էրեխեքի համա՞ր։― Անտիպն աշխուժացավ։― Մի կողմից որ նայենք, ճիշտ ա, բան չունեմ ասելու, համա մյուս կողմից, չէ՜, ճիշտ չի։

— Էգ ո՞ր կողմից ճիշտ չի։

– Էն կողմից, որ մենակ էրեխեքի համար պետք չի ապրել։ Մի քիչ էլ՝ մարդ ինքն իրա համար...

— Էդ ի՞նչ պիտի անեիր ինքդ քո համար։

Անտիպը պատասխանը միանգամից չտվեց։

— Այսինքն, ո՞նց թե «ինչ»։ Մի բան կգտնեի․․․ Կարող ա պատահի, նվագող դառնայի։ Էն մարդը, որ քաղաքից եկել էր, չէր ասո՞ւմ, թե բնածին եմ։ Բնածին ասածդ էլ ոնց որ ոսկու կտոր, հազարից մեկը։ Հիմի ես ո՞վ եմ։ Սովորական թամբ կարող, համա ով գիտի․․․

— Դե, վերջացրո՜ւ․․․— Մարֆան ձեռքը թափ տվեց։— Քոքե՜ց, լսել էլ չիլնում։

— Ուրեմն, չես հասկանում,— հոգոց հանեց Անտիպը։

Որոշ ժամանակ լուռ էին։

Մարֆան հանկարծ փղձկաց․․․ Թաշկինակով սրբեց արցունքն ու ասաց․

— Թռան գնացին մեր երեխեքը, աշխարհով մեկ։

— Բա ի՞նչ, առնեին, կո՞ղքդ նստեին ամբողջ կյանքները,— վրա բերեց Անտիպը։

— Հերիք թխկացնես,— հանկարծ ասաց Մարֆան։— Արի մի նստենք, էրեխեքից խոսենք։

Անտիպը քթի տակ ծիծաղելով, մուրճը մի կողմ դրեց։

― Պառավում ես, Մարֆա,— ուրախ֊ուրախ ասաց նա։— Կուզե՞ս քեզ համար նվագեմ, դարդերդ մի քիչ ցրեմ։

— Նվագի,― թույլ տվեց Մարֆան։

Անտիպը լվաց ձեռքերն ու երեսը, սանրվեց․․․

— Մի նոր շապիկ տուր։

Մարֆան սնդուկից նոր շապիկ հանեց։ Անտիպը հագավ, գոտին կապեց։ Պատից առավ բալալայկան, նստեց սենյակի ամենահարմար տեղում, նայեց Մարֆային․․․

— Սկսո՜ւմ ենք մեր համերգը։

― Մենակ ձևեր չթափես,— խորհուրդ տվեց Մարֆան։

— Հիմի կհիշենք մեր ամբողջ ջահելությունը,— պարծեցավ Անտիպը, բալալայկան լարելով։— Հիշո՞ւմ ես, ո՜նց էինք պար բռնում դաշտերում։

— Հիշում եմ, ինչի չեմ հիշում որ։ Ինչքան չըլնի քեզնից ջահել եմ։

— Ինչքա՞ն։ Ամիսուկե՞ս։

— Ինչի՞ ամիսուկես, էրկու տարի։ Էն ժամանակ ես լրիվ երեխա էի, դու էիր, որ ինչ ասես, անում էիր։

Անտիպը ծիծաղեց խաղաղված։

― Ինչ ուզում ես, ասա, այ, ըսե՛նց տղա էի։ Չես հիշո՞ւմ, ո՛նց էիր հետևիցս ընկել։

― Ո՞վ։ Ես, հա՞։ Մեղա քեղ աստված... Օղորմածիկ հերս բա էն ո՞ւմ վրա էր շները բրախում։ Էն ո՞ւմ շալվարը մնաց մեր չափառին։

― Ասենք թե շալվարն իմս էր...— Անտիպը ձգեց բալալայկայի վերջին ականջը, փոքրիկ գլուխը թեքեց ուսի վրա, խփեց լարերին... Սկսեց նվագել։ Եվ խրճիթի տաքուկ դատարկության ու կիսամութի մեջ սփռվեց երիտասարդության հեռավոր օրերի մեղմ ու լուսավոր երաժշտությունը։ Ուրիշ երեկոներ էլ հիշվեցին, մի լավ ու տրտում բան պաշարեց երկուսին, կյանքում եղած գլխավոր ինչ֊որ բանի շուրջ մտքեր եկան, բայց թե ասել չի լինի՝ այդ գլխավորը որն է։

Ինձ համար հանկարծ չկարես, մերիկ,
Կարմիր սարաֆա֊ա՜ն,—

Կամացուկ երգեց Անտիպն ու գլխով արեց Մարֆային։ Մարֆան միացավ։

Զուր տեղը, անուշ ու քաղցր մերիկ,
Չընկնես ծախսի տակ․․․

Այնքան էլ ներդաշնակ չէին երգում, բայց երկուսով էլ զարմանալի լավ զգացին իրենց։ Մոռացված պատկերներ հառնեցին։ Մեկ տափաստանը բացվեց հայրենի գյուղի եզրից, մեկ՝ գետափը, մեկ էլ մտաբերեցին բարդիների շշնջացող պուրակը՝ մթին ու փոքր֊ինչ ահազդու... Եվ այդ ամենի մեջ գորովագին ու հուզիչ մի բան կար։ Վերացավ աշունը, միայնությունը, վերացավ փողը, անուրները...

Հետո ուրախ բան սկսեց նվագել Անտիպը։ Ու մանրիկ պարաքայլով շարժվեց խրճիթում, ժիր֊ժիր խաղացնելով ոսկրոտ ազդրերը։

Օխ, տամ, ռի֊տա֊տամ,
Ռի֊տա՜ տա՜ ռա֊ռամ,
Իրար եկեք, պար բռնեք,
Հանաքնե֊ե՜ր ա֊արեք․․․

Սրտառուչ ու զվարճալի բան կար Անտիպի ուրախության մեջ։ Նա սկսեց վեր֊վեր թռչել․․․ Մարֆան ծիծաղում էր, ապա փղձկաց, բայց իսկույն սրբեց արցունքն ու կրկին ծիծաղեց։

— Գոնե չջրիկանայիր, աստծու սիրուն... Վրա-գլխիդ նայիր, նայելու բան էլ չկա։

Անտիպը փայլում էր հաճույքից։ Փոքր ու խելացի աչքերը շողում էին չարաճճի կրակով։

Օխ, Մարֆա, իմ սիրուն Մարֆենկա,
Հոգիս հանեցիր քո խրատներով։

— Անտիպ, հիշո՞ւմ ես, ինձ ոնց տարար քաղաք, տոնավաճառի։

Անտիպը գլխով արեց։

Հիշում եմ, հիշում,
Եմ լավ Մարֆենկա,
Մեկ էլ հիշում եմ
Ոսպով քաշովին։

— Խելառել ես, Անտիպ,— քնքշորեն ասաց Մարֆան։— Ինչ ասես դուրս ես տալիս։

Օխ, իմ Մարֆուշեչկա,
Ինչ ասեմ ես քեզ,
Ոնց որ համաժողովրդական
Ուրախություն ըլնես...

Մարֆան ծիծաղից թուլացավ։

— Բա որ ասում եմ՝ խելառ ես, Անտիպ։

Օխ, տամ, ռի֊տա֊տամ,
Ռի-տա֊տա-ռա-ռամ։

― Նստիր մի քիչ լավ բան երգենք,— արցունքը սրբելով՝ ասաց Մարֆան։

Անտիպը մի քիչ հևում էր․․․ Ժպտալով Մարֆային էր նայում։

— Հը՞։ Թողնեն, ասես՝ Անտիպս լա՜վը չի։

― Ոչ թե լավը չի, մի ծալն ա պակաս,— ուղղեց Մարֆան։

― Ուրեմն, չես հասկանում,— ասաց Անտիպը, ամենևին չվշտանալով նման ճշգրտումից։ Նստեց։— Ի՜նչ կյանք կանեինք իրար հետ։ Հաշտ, համերաշխ։ Բայց էդ անիծված փողը հոգիդ հանեց։ Մենակ չջղայնանաս։

― Հոգիս փողը չհանեց, փող չըլնե՜լը հոգիս հանեց։

― Եղածն էլ հերիք էր... Վերջ տուր, աստծու սիրուն։ Լա՛վ, պրծանք։ Ի՞նչ երգ կուզենայիք, մադմազել տիկին։

― Կտրիճ-Պետյայի մասին։

― Տխուր երգ ա, պետք չի։

― Ոչինչ։ Լաց կըլնեմ մի քիչ։

Օխ, մի պատվեք ծովերի վրա,–

Սկսեց Անտիպը։

Նստել չեք կարող, իմ խեղճ թռչուններ։
Թռեք֊գնացեք հեռու երկրներ,
Էս տխուր լուրը Սիբիր հասցրեք։

Անտիպը հոգով էր երգում, մտքերով տարված։ Ասես պատմում էր։

Օխ, մութ գիշերով, գիշերվա կեսին,
Սպանեցին կտրիճ֊Պետյային,
Հերը վեր կացավ առավոտ ծեգին․․․

Մարֆան քիթն էր քաշում։

— Անտիպ, այ Անտիպ․․․ Դու ինձ կներես, հա՞, որ քեզ նեղացնում եմ,— ասաց նա արտասվախառն։

— Փուչ բան ա,— պատասխանեց Անտիպը։— Դու էլ ինձ կներես, թե մեղավոր եմ։

— Չեմ թողնում նվագես․․․

— Փուչ բան ա,–– կրկին ասաց Անտիպը։— Բան ասող որ չըլնի, առավոտից իրիկուն կնվագեմ։ Էդ էլ չիլնի, չէ՞։ Հասկանում եմ։

— Կուզե՞ս, մի շիշ բան առնենք։

— Կարելի ա,— համաձայնեց Անտիպը։

Մարֆան սրբեց արցունքն ու վեր կացավ։

— Մինչև գնաս խանութ գաս, հացը կգցեմ։

Անտիպը հագավ բրեզենտե թիկնոցն ու խրճիթի կենտրոնում կանգնած, սպասում էր մինչև Մարֆան վիթխարի սնդուկի խորքերից, զանազան շորերի տակից փող հանի։ Կանգնել ու նայում էր նրա լայն թիկունքին։

— Մի բան էլ ասեմ,– անտարբեր սկսեց նա,― արդեն հնացել ա․․․ Նորն ա պետք։ Հենց երեկ խանութն ստացան։ Էնքան էլ լա՜վն են։ Արի, միանգամից առնեմ։

— Ի՞նչ,— Մարֆայի մեջքն անշարժացավ։

— Բալալայկա։

Մարֆան նորից շարժվեց... Փողը հանեց, նստեց սնդուկի վրա ու սկսեց դանդաղ, դժվարությամբ հաշվել։ Շրթունքները շարժում էր ու խոժոռվում։

— Նվագում ա էլի, ինչ ա եղել,— ասաց նա։

— Մի տեղ ճաքել ա... դզզոց կա։

— Կպցրու։ Ձյութով․․․

— Բա գործիքը ձյութով կկպցնե՞ն։ Բա դա ասելու բա՞ն էր, խիղճ ունես։

Մարֆան լռեց։ Կրկին փողն էր հաշվում։ Տեսքը խոժոռ էր ու մտահոգ։

— Առ։— Փողը մեկնեց Անտիպին։ Աչքերին չէր նայում։

— Մենակ մի շշի՞։― Անտիպի ներքևի շուրթը կախվեց։— Հա֊ա՜։

— Ոչինչ, հլա կնվագի։ Էսօր ի՜նչ լավ էր նվագում։

— Է՜խ, Մարֆա...— Անտիպը ծանր հոգոց հանեց։

— Ի՞նչ «էխ»։ Ի՞նչ «էխ»։

— Ոչինչ․․․ հենց էնպես։— Անտիպը շուռ եկավ ու դեպի դուռը քայլեց։

— Ինչքա՞ն արժի որ,— հանկարծ խստորեն հարցրեց Մարֆան։

— Կոպեկնե՜ր։— Անտիպը կանգ առավ շեմի մոտ։— Նոր փողով վեց ռուբլի։

— Ա՛ռ։— Մարֆան զայրացած նրան մեկնեց վեց ռուբլի։ Անտիպն արագ֊արագ մոտեցավ կնոջը, վերցրեց դրամն ու լուռ դուրս եկավ, խոսելը կամ հապաղելը վտանգավոր էր՝ Մարֆան հեշտությամբ կարող էր միտքը փոխել։