Երրորդ Բաժին: Հասարակական Ամբողջ Կապիտալի Վերարտադրությունն Ու Շրջանառությունը

Գրապահարան-ից
Երկրորդ հատոր: Գիրք երկրորդ - Կապիտալի Շրջանառության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ Թադ. Ավդալբեգյան (գերմաներենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Բովանդակություն

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ[1]։ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

I. ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Կապիտալի անմիջական արտադրապրոցեսը նրա աշխտապրոցեսն ու արժեմեծացման պրոցեսն է, այն պրոցեսը, որի հետևանքն ապրանք արդյունքն է, և որի որոշիչ շարժառիթը հավելարժեքի արտադրությունն է։

Կապիտալի վերարտադրապրոցեսն ընդգրկում է ինչպես այս անմիջական արտադրապրոցեսը, այնպես էլ բուն շրջանառության պրոցեսի երկու փուլը, այսինքն այն ամբողջ շրջապտույտը, որն իբրև պարբերական պրոցես — մի պրոցես, որը միշտ նորից կրկնվում է որոշ պարբերաշրջաններում — կազմում է կապիտալի պտույտը։

Արդյոք շրջապտույտը քննարկում ենք Փ ... Փ՛ ձևով, թե Արտ ... Արտ ձևով, միևնույն է,— անմիջական արտադրապրոցեսը՝ Արտը միշտ այս շրջապտույտի հենց լոկ մեկ անդամն է կազմում։ Մի ձևում արտադրապրոցեսն է հանդես գալիս իբրև շրջանառության միջնորդագործում, մյուսում շրջանառությունն է երևան գալիս որպես արտադրապրոցեսի միջնորդագործում։ Արտադրապրոցեսի մշտական նորոգումը, կապիտալի մշտապես վերահայտնվելն իբրև արտադրողական կապիտալ՝ երկու անգամումն էլ պայմանավորված է շրջանառության պրոցեսում նրա կրած փոխակերպություններով։ Մյուս կողմից՝ մշտապես նորոգվող արտադրապրոցեսը պայմանն է այն փոխակերպությունների, որոնցով միշտ նորից անցնում է կապիտալը շրջանառության ոլորտում, նրա փոփոխակիորեն իբրև դրամակապիտալ ու որպես ապրանքակապիտալ ներկայանալու պայմանն է։

Սակայն ամեն մի առանձին կապիտալ կազմում է հասարակական ամբողջ կապիտալի ինքնակայացած, այսպես ասած՝ անհատական կյանքով օժտված մեկ կոտորակամասը միայն, ինչպես որ յուրաքանչյուր առանձին կապիտալիստ՝ կապիտալիստների դասակարգի մեկ անհատական տարրը միայն։ Հասարակական կապիտալի շարժումը կազմված է նրա ինքնակայացած կոտորակամասերի շարժումների, անհատական կապիտալների պտույտների ամբողջությունից։ Ինչպես որ առանձին ապրանքի փոխակերպությունն ապրանքաշխարհի փոխակերպությունների շարանի — ապրանքաշրջանառության — մի օղակն է, այնպես էլ անհատական կապիտալի փոխակերպությունը, նրա պտույտը հասարակական կապիտալի շրջապտույտի մի օղակն է։

Այս ամբողջ պրոցեսը յուր մեջ պարփակում է ինչպես արտադրողական սպառումը (անմիջական արտադրապրոցեսը) այն ձևափոխություններով հանդերձ (նյութապես քննած՝ այն փոխանակություններով միասին), որոնցով միջնորդագործվում է նա, այնպես էլ անհատական սպառումը՝ սրան միջնորդագործող ձևափոխություններով կամ թե փոխանակություններով։ Ամբողջ պրոցեսը մի կողմից յուր մեջ պարփակում է փոփոխուն կապիտալի փոխարկումն աշխատույժի և ուրեմն աշխատույժը կապիտալիստական արտադրապրոցեսին լծելը։ Այստեղ բանվորը հանդես է գալիս իբրև յուր ապրանքի, աշխատույժի վաճառորդ, իսկ կապիտալիստն իբրև նույնի գնորդ։ Բայց մյուս կողմից էլ՝ ապրանքների վաճառքը յուր մեջ պարփակում է սրանց գնումը բանվոր դասակարգի կողմից, հետևաբար նրանց անհատական սպառումը։ Այստեղ բանվոր դասակարգը հանդես է գալիս որպես գնորդ, իսկ կապիտալիստներն՝ իբրև բանվորներին ապրանքներ ծախող։

Ապրանքակապիտալի շրջանառությունը յուր մեջ պարփակում է հավելարժեքի շրջանառությունն էլ, ուրեմն նաև այն գնումներն ու վաճառքները, որոնցով կապիտալիստներն իրենց անհատական սպառումը, հավելարժեքի սպառումն են միջնորդագործում։

Հետևաբար եթե անհատական կապիտալների շրջապտույտը քննում ենք հասարակական կապիտալի հետ ունեցած նրա կապակցությամբ, ուրեմն նրա ամբողջությամբ վերցրած, ապա նա ընդգրկում է ոչ միայն կապիտալի շրջանառությունը, այլև ընդհանրական ապրանքաշրջանառությունը։ Վերջինս սկզբնապես կարող է կազմված լինել միմիայն երկու բաղադրամասից. 1) կապիտալի սերիական շրջապտույտից ու 2) այն ապրանքների շրջապտույտից, որոնք մտնում են անհատական սպառման մեջ, հետևաբար այն ապրանքների շրջապտույտից, որոնց վրա բանվորը յուր աշխատավարձն է ծախսում, իսկ կապիտալիստը՝ յուր հավելարժեքը (կամ թե յուր հավելարժեքի մի մասը)։ Կապիտալի շրջապտույտն անշուշտ ընդգրկում է հավելարժեքի շրջանառությունն էլ, որչափով որ սա ապրանքակապիտալի մի մասն է կազմում, այլև յուր մեջ պարփակում է փոփոխուն կապիտալի՝ աշխատույժ դառնալը, աշխատավարձ վճարելը նմանապես։ Բայց այս հավելարժեքի ու աշխատավարձի՝ ապրանքների վրա ծախսվելը կապիտալաշրջանառության ոչ մի օղակը չի կազմում, թեև գոնե աշխատավարձի ծախսումը պայմանավորում է այս շրջանառությունը։

I գրքում կապիտալիստական արտադրապրոցեսը վերլուծված է թե՛ որպես մեկուսացված իրադարձություն ու թե՛ իբրև վերարտադրապրոցես — հավելարժեքի արտադրությունն ու բուն իսկ կապիտալի արտադրությունը։ Այն ձևափոխությունն ու նյութափոխությունը, որոնց ենթարկվում է կապիտալը շրջանառության ոլորտում, մենք ենթադրել ենք՝ առանց ավելի երկար կանգ առնելու նրանց վրա։ Ըստայսմ մենք ենթադրել ենք, թե կապիտալիստը մի կողմից ծախում է արդյունքը սրա արժեքի համաձայն, մյուս կողմից՝ շրջանառության ոլորտում գտնում է իրեղեն արտադրամիջոցներ՝ պրոցեսը նորից սկսելու կամ թե շարունակաբար առաջ տանելու համար։ Շրջանառության ոլորտում միակ ակտը, որի վրա մենք կանգ ենք առել այնտեղ, աշխատույժի առուծախն էր իբրև կապիտալիստական արտադրության հիմնապայման։

Այս II գրքի առաջին բաժնում մենք քննարկել ենք այն տարբեր ձևերը, որ կապիտալն ընդունում է յուր շրջապտույտի ընթացքում, ու բուն իսկ այս շրջապտույտի տարբեր ձևերը։ I գրքում քննարկած աշխատաժամանակին հիմա ավելանում է շրջանառության ժամանակը։

Երկրորդ բաժնում շրջապտույտը քննարկվել է իբրև պարբերական շարժում, այսինքն որպես պտույտ։ Մենք մի կողմից ցույց ենք տվել, թե ինչպես կապիտալի տարբեր բաղադրամասերը (հիմնական ու շրջանառու մասերը) ձևերի շրջապտույտն են կատարում տարբեր ժամանակամիջոցներում ու տարբեր եղանակով. մյուս կողմից՝ հետազոտել ենք այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է աշխատապարբերաշրջանի ու շրջանառության պարբերաշրջանի տարբեր երկարությունը։ Մենք երևան հանեցինք շրջապտույտի պարբերաշրջանի ու նրա բաղադրամասերի տարբեր համամասնությունների ազդեցությունը բուն իսկ արտադրապրոցեսի ծավալի վրա, ինչպես և հավելարժեքի տարենորմայի վրա։ Իրոք, եթե առաջին բաժնում գլխավորապես քննարկվել են այն հաջորդական ձևերը, որ կապիտալը յուր շրջապտույտի ընթացքում շարունակ ընդունում է և իրենից թոթափում, ապա երկրորդ բաժնում ցույց է տրված, թե ինչպես ձևերի այս հոսանքի ու հաջորդման մեջ տվյալ մեծության մի կապիտալ միաժամանակ, թեկուզ և տարբեր չափերով, տրոհվում է արտադրողական կապիտալի, դրամակապիտալի ու ապրանքակապիտալի, այնպես որ սրանք ոչ միայն հերթափոխում են իրար, այլև ամբողջ կապիտալարժեքի տարբեր մասերն այս տարբեր կացություններում միշտ կողք կողքի են գտնվում և կողք կողքի գործում։ Ընդսմին հատկապես դրամակապիտալը ներկայացրեց մի առանձնահատկություն, որն I գրքում չէր երևացել։ Մենք գտանք որոշակի օրենքներ, որոնց համաձայն պետք է տվյալ մի կապիտալի տարբեր մեծություն ունեցող բաղադրամասեր, նայած պտույտի պայմաններին, միշտ կանխավճարվեն և նորոգվեն դրամակապիտալի ձևով, որպեսզի տվյալ ծավալով մի արտադրողական կապիտալ միշտ գործունեության մեջ պահեն։

Բայց ինչպես աոաջին, այնպես էլ երկրորդ բաժնում խոսքը միշտ վերաբերում է լոկ անհատական մի կապիտալի, հասարակական կապիտալի մեկ ինքնակա մասի շարժմանը։

Սակայն անհատական կապիտալների շրջապտույտները միահյուսվում են իրար հետ, ենթադրում և պայմանավորում են միմյանց և հենց ճիշտ այս միահյուսմամբ են կազմում հասարակական ամբողջ կապիտալի շարժումը։ Ինչպես որ պարզ ապրանքաշրջանառության ժամանակ մի ապրանքի ամբողջ փոխակերպությունը հանդես էր գալիս իբրև ապրանքաշխարհի փոխակերպությունների շարանի մի օղակ, այնպես էլ անհատական կապիտալի փոխակերպությունը հիմա երևան է դալիս որպես հասարակական կապիտալի փոխակերպությունների շարանի մեկ օղակ։ Բայց եթե պարզ ապրանքաշրջանառությունը յուր մեջ ամենևին չէր պարփակում կապիտալի շրջանառությունն անհրաժեշտորեն,— որովհետև սա կարող էր կատարվել ոչ-կապիտալիստական արտադրության հիման վրա,— ապա, ինչպես արդեն նշել ենք, հասարակական ամբողջ կապիտալի շրջապտույտն ընդգրկում է առանձին կապիտալի շրջապտույտի մեջ չմտնող ապրանքաշրջանառությունն էլ, այսինքն այն ապրանքների շրջանառությունը, որոնք կապիտալ չեն կազմում։

Հիմա մենք պետք է քննության առնենք անհատական կապիտալների շրջանառության պրոցեսը (որը յուր ամբողջությամբ վերցրած՝ վերարտադրապրոցեսի ձև է), իբրև հասարակական ամբողջ կապիտալի բաղադրամասերի շրջանառության պրոցես, ուրեմն քննարկելու ենք այս հասարակական ամբողջ կապիտալի շրջանառության պրոցեսը։

II. ԴՐԱՄԱԿԱՊԻՏԱԼԻ ԴԵՐԸ

[Չնայած որ հետևյալն այս բաժնի լոկ ավելի հետագա մասին է վերաբերում, սակայն մենք անմիջապես կհետազոտենք այս, այն է՝ դրամակապիտալն իբրև հասարակական ամբողջ կապիտալի բաղադրամաս քննած։]

Անհատական կապիտալի պտույտը քննարկելիս դրամակապիտալը մեզ ներկայացավ երկու կողմից։

Առաջին. դրամակապիտալն այն ձևն է, որով ամեն մի անհատական կապիտալ բեմ է դուրս գալիս, յուր պրոցեսն սկսում իբրև կապիտալ։ Ուստի նա հանդես է գալիս որպես primus motor [առաջին մղիչ, առաջին շարժիչ], իբրև ամբողջ պրոցեսը խթանող։

Երկրորդ. նայած պտուտապարբերաշրջանի տարբեր երկարությանն ու նրա երկու բաղադրամասի — աշխատապարբերաշրջանի ու շրջանառության պարբերաշրջանի — տարբեր հարաբերությանը, կանխավճարված կապիտալարժեքի այն բաղադրամասը, որը միշտ պետք է կանխավճարվի և նորացվի դրամաձևով, տարբեր է լինում այն արտադրողական կապիտալի համեմատությամբ, որը նա շարժման մեջ է դնում, այսինքն տարբեր է լինում հարակա արտադրամասշտաբի համեմատությամբ։ Բայց ինչ էլ որ լինի այս հարաբերությունը, բոլոր հանգամանքներում էլ՝ ընթացարարող կապիտալարժեքի այն մասը, որը կարող է միշտ գործել իբրև արտադրողական կապիտալ, սահմանափակված է լինում կանխավճարված կապիտալի այն մասով, որը միշտ պետք է դրամաձևով գոյություն ունենա արտադրողական կապիտալի կողքին։ Խոսքն այստեղ վերաբերում է լոկ նորմալ պտույտին, վերացական միջին մեկ մեծության։ Ընդսմին մենք մի կողմ ենք թողնում այն ավելադիր դրամակապիտալը, որն անհրաժեշտ է շրջանառության խանգարումները հավասարակշռելու նամար։

Առաջին կետի վերաբերմամբ։ Ապրանքարտադրութունը ենթադրում է ապրանքաշրջանառություն, իսկ ապրանքաշրջանառությունը ենթադրում է ապրանքի որպես փող ներկայանալը, ենթադրում է դրամաշրջանառություն. ապրանքի երկտրոհվելն ապրանքի ու փողի՝ արդյունքի որպես ապրանք ներկայանալու մի օրենքն է։ Նույնպես էլ կապիտալիստական ապրանքարտադրությունը — ինչպես հանրորեն, այնպես և անհատորեն քննած — ենթադրում է դրամաձևով կապիտալը կամ դրամակապիտալն իբրև primus motor [առաջին մղիչ, առաջին շարժիչ] յուրաքանչյուր նոր սկսվող ձեռնարկության համար ու որպես հարակա շարժիչ։ Շրջանառու կապիտալը մասնավորապես ենթադրում է դրամակապիտալի՝ ավելի կարճ ժամանակամիջոցներում միշտ նորից ու նորից իբրև շարժիչ հանդես գալը։ Կանխավճարված ամբողջ կապիտալարժեքը, այսինքն կապիտալի բոլոր բաղադրամասերը, որոնք կազմված են ապրանքներից — աշխատույժից, աշխատամիջոցներից ու արտադրանյութերից, միշտ պետք է փողով գնվեն և վերագնվեն։ Ինչ որ այստեղ ասվեց անհատական կապիտալի համար, վերաբերում է հասարակական կապիտալին էլ, որը բազմաթիվ անհատական կապիտալների ձևով է միայն գործում։ Բայց, ինչպես արդեն ցույց է տրված I գրքում, սրանից ամենևին չի հետևում, թե կապիտալի գործունեության դաշտը, արտադրության մասշտաբը, նույնիսկ կապիտալիստական պատվանդանի վրա, յուր բացարձակ սահմաններով կախված է գործող դրամակապիտալի չափերից։

Կապիտալին միակցվում են արտադրատարրերը որոնց առաձգվելը. հայտնի սահմաններում, անկախ է կանխավճարված դրամակապիտալի մեծությունից։ Աշխատույժի նույնահավասար վճարի ժամանակ նա կարող է ավելի սաստիկ շահագործվել տարածունորեն կամ թե լարունորեն։ Եթե դրամակապիտալն այս ավելի սաստիկ շահագործման հետ շատացվում է (այսինքն՝ աշխատավարձը բարձրացվում է), ապա այս լինում է ոչ–համամասնորեն, ուրեմն pro tanto [այնքանի համեմատ, համապատասխան քանակով] չի շատացվում ամենևին։

Արտադրողաբար շահագործվող բնական նյութը — որը կապիտալի ոչ մի արժետարր չի կազմում — հողը, ծովը, հանքանյութը, անտառաստանները և այլն — աշխատույժերի միևնույն թվի ավելի մեծ լարումով ավելի սաստիկ է շահագործվում լարունորեն կամ թե տարածունորեն՝ դրամակապիտալի շատացրած կանխավճարում չանելով էլ։ Արտադրողական կապիտալի իրական տարրերն այսպիսով շատացվում են, և ընդսմին դրամակապիտալի մի ավելադրանք անհրաժեշտ չի լինում։ Որչափով որ սա հարկավոր է լինում ավելադիր օժանդակ նյութերի համար, այն դրամակապիտալը, որով կանխավճարվում է կապիտալարժեքը, շատացվում է արտադրողական կապիտալների գործունության ընդլայնման նկատմամբ ոչ-համամասնորեն, ուրեմն pro tanto [այնքանի համեմատ, համապատասխան քանակով] չի շատացվում ամենևին։

Միևնույն աշխատամիջոցը, ուրեմն միևնույն հիմնական կապիտալը կարող է ավելի ներգործուն կերպով օգտագործվել ինչպես նրա օրական գործադրաժամանակը երկարացնելով, այնպես էլ նրա կիրառումը լարունացնելով՝ առանց ավելադիր դրամածախսում անելու հիմնական կապիտալի համար։ Այս դեպքում հիմնական կապիտալի ավելի արագ պտույտ է միայն տեղի ունենում, բայց նրա վերարտադրության տարրերն էլ ավելի արագ են մատակարարվում։

Բնական նյութը մի կողմ թողած՝ այն բնական ույժերը, որոնք ոչինչ չեն նստում, կարող են ավելի սաստիկ կամ թե ավելի թույլ ներգործունությամբ լծվել արտադրապրոցեսին իբրև գործակալներ։ Նրանց ներգործունության աստիճանը կախված է մեթոդներից ու գիտական առաջադիմություններից, որոնք կապիտալիստի վրա ոչինչ չեն նստում։

Միևնույնը վերաբերում է արտադրապրոցեսում աշխատույժը հանրորեն համակցելուն ու անհատական բանվորների կուտակված ճարտարությանը։ Carey-ն սրա հիման վրա հաշվում է, թե հողասեփականատերը երբեք բավարար չափով չի ստանում, որովհետև նրան վճարահատուցում են ոչ այն ամեն կապիտալի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] աշխատանքի համար, որ անհիշելի ժամանակներից ներդրված է եղել հողի մեջ՝ սրան տալու համար այն արտադրունակությունը, որ սա հիմա ունի։ (Այն արտադրունակության մասին, որը խլվում է հողից, իհարկե ծպտուն չեն հանում)։ Ըստայսմ առանձին բանվորը պետք է վարձատրվեր այն աշխատանքի համաձայն, որքան նստել է ամբողջ մարդկային սեռի վրա մի վայրենուց արդի մեկ մեխանիկ պատրաստելը։ Պետք էր հակառակը մտածել.— եթե հաշվի առնենք այն ամեն անվճար մնացած, բայց հողագույքատիրոջ ու կապիտալիստի կողմից դրամացված աշխատանքը, որ ներդրված է հողի մեջ, ապա հողի մեջ ներդրված ամբողջ կապիտալը բազմապատիկ անգամ հետ է վճարված վաշխառուական տոկոսներով, հետևաբար հողագույքը վաղուց ի վեր բազմաթիվ անգամ հետ է գնված հասարակության կողմից։

Աշխատանքի արտադրողականության բարձրացումը, որչափով որ սա կապիտալարժեքների ոչ մի ավելադիր ծախսում չի ենթադրում, ճիշտ է, առաջին հերթին շատացնում է արդյունքի մասսան միայն, բայց ոչ նրա արժեքը, բացի նրանից, երբ հիշյալ բարձրացումն ունակ է դարձնում միևնույն աշխատանքով ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ վերարտադրելու, ուրեմն սրա արժեքը պահպանելու։ Բայց նույն բարձրացումը միաժամանակ առաջ է բերում նոր կապիտալանյութ, հետևաբար ստեղծում է կապիտալի շատացած կուտակման պատվանդանը։

Որչափով որ հասարակական աշխատանքի բուն իսկ կազմակերպությունը, ուրեմն և աշխատանքի հասարակական արտադրողական ույժի բարձրացումը պահանջում է, որ արտադրվի խոշոր մասշտաբով, և հետևաբար առանձին կապիտալիստների կողմից դրամակապիտալը խոշոր քանակներով կանխավճարվի, ապա արդեն I գրքում ցույց ենք տվել, թե այս բանը գլուխ է բերվում մասամբ կապիտալները սակավաթիվ ձեռքերում կենտրոնացնելով, իսկ սրա համար անհրաժեշտ չի, որ բացարձակորեն աճեն գործող կապիտալարժեքների չափերը, ուրեմն և այն դրամակապիտալի չափերը, որով կանխավճարվում են նրանք։ Առանձին կապիտալների մեծությունը կարող է սակավաթիվ ձեռքերում կենտրոնանալու հետևանքով աճել, իսկ նրանց հասարակական գումարը չաճի։ Հիշյալն առանձին կապիտալների փոփոխված բաշխումն է միայն։

Վերջապես նախընթաց բաժնում ցույց ենք տվել, որ պտուտապարբերաշրջանի կարճացումը հնարավորություն է տալիս կա՛մ ավելի քիչ դրամակապիտալով միևնույն արտադրողական կապիտալը շարժման մեջ դնելու, կամ էլ՝ միևնույն դրամակապիտալով ավելի մեծաքանակ արտադրողական կապիտալ շարժման մեջ դնելու։

Սակայն ակներև է, որ այս բոլորը ոչ մի գործ չունի դրամակապիտալի բուն հարցի հետ։ Այս ցույց է տալիս լոկ այն, թե կանխավճարված կապիտալը — տվյալ մի արժեգումար, որը յուր ազատ ձևով, յուր արժեձևով կազմված է մեկ հայտնի դրամագումարից — յուր՝ արտադրողական կապիտալի փոխարկվելուց հետո պարունակում է արտադրողական այնպիսի կարողություններ, որոնց սահմանները տրված են ոչ թե նրա արժեքի սահմաններով, այլ մի հայտնի շարժավայրի շրջանակներում նրանք կարող են տարբեր կերպով ներգործել տարածունորեն կամ թե լարունորեն։ Եթե արտադրատարրերի — արտադրամիջոցների ու աշխատույժի — գները տրված են, ապա սրանով որոշված է այն դրամակապիտալի մեծությունը, որը հարկավոր է իբրև ապրանքներ առկա այս արտադրատարրերի մի որոշ քանակ գնելու համար։ Կամ ուրիշ խոսքով՝ նախորոշված է կանխավճարելի կապիտալի արժեմեծությունը։ Բայց այն ծավալը, որով այս կապիտալը գործում է որպես արժեկազմիչ ու արդյունակազմիչ, առաձգական է և փոփոխուն։

Երկրորդ կետի վերաբերմամբ։ Ինքնըստինքյան հասկանալի է, թե հասարակական աշխատանքի ու արտադրամիջոցների այն մասը, որը տարեկան պետք է ծախսվի փող արտադրելու կա՛մ թե գնելու վրա՝ մաշված ստակներին փոխարինելու համար, pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] մի հանուրդ է հասարակական արտադրության ամբողջությունից։ Իսկ ինչ վերաբերում է այն դրամարժեքին, որը գործում է մասամբ իբրև շրջանառության միջոց, մասամբ որպես գանձ, ապա մի անգամ որ այն կա, ձեռք է բերված, նա արդեն գոյություն ունի աշխատույժի, արտադրված արտադրամիջոցների ու հարստության բնական աղբյուրների կողքին։ Նա չի կարող իբրև սրանց սահման նկատվել։ Նրա՝ արտադրատարրերի փոխարկվելու միջոցով, ուրիշ ժողովուրդների հետ արվող փոխանակության միջոցով արտադրամասշտաբը կարող էր ընդլայնվել։ Սակայն այս ենթադրում է, թե դրամն առաջվա պես յուր դերն իբրև համաշխարհադրամ է կատարում։

Նայած պտուտապարբերաշրջանի մեծությանը՝ դրամակապիտալի ավելի մեծ կամ թե ավելի փոքր քանակ է հարկավոր արտադրողական կապիտալը շարժման մեջ դնելու համար։ Մենք տեսել ենք նմանապես, որ պտուտապարբերաշրջանի՝ աշխատաժամանակի ու շրջանառության ժամանակի բաժանվելը պայմանավորում է դրամաձևում ներթաքուն կամ կախակայված կապիտալի շատացում։

Որչափով որ պտուտապարբերաշրջանը կանխորոշվում է աշխատապարբերաշրջանի երկարությամբ, նա, այլ անփոփոխ պայմաններում, կանխորոշվում է արտադրապրոցեսի նյութական բնությամբ, ուրեմն ոչ թե այս արտադրապրոցեսի մասնահատուկ հասարակական բնույթով։ Սակայն կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ավելի երկար տևողությամբ ավելի ընդարձակված գործառնությունները պայմանավորում են դրամակապիտալի ավելի մեծ կանխավճարում ավելի երկար ժամանակվա համար։ Հետևաբար այսպիսի ոլորտներում կատարվող արտադրությունը կախված է այն սահմաններից, որոնց շրջանակում առանձին կապիտալիստը դրամակապիտալ է ունենում յուր տրամադրության տակ։ Այս սահմանները խորտակվում են վարկասիստեմի ու սրա հետ կապված միավորման, օրինակ, բաժնետիրական ընկերությունների միջոցով։ Այս պատճառով դրամաշուկայում տեղի ունեցող խանգարումները դադարի են մատնում այսպիսի ձեռնարկությունները մինչդեռ, նույն այս ձեռնարկություններն իրենց հերթին խանգարումներ են առաջ բերում դրամաշուկայում։

Հասարակական արտադրության պատվանդանի վրա պետք է որոշել այն մասշտաբը, որով այս գործառնությունները, որոնք երկար ժամանակվա ընթացքում աշխատույժ ու արտադրամիջոցներ են խլում՝ առանց այս ժամանակվա մեջ մի արդյունք մատակարարելու իբրև օգտակար էֆֆեկտ,— կարող են կատարվել՝ առանց վնասելու այն արտադրաճյուղերին, որոնք տարվա ընթացքում շարունակաբար կամ թե շատ անգամ ոչ միայն աշխատույժ ու արտադրամիջոցներ են կորզում, այլ և կենսամիջոցներ ու արտադրամիջոցներ են մատակարարում։ Հասարակական արտադրության ժամանակ նույնպես, ինչպես կապիտալիստական արտադրության ժամանակ, ավելի կարճ աշխատապարբերաշրջան ունեցող ձեռնարկաճյուղերում բանվորները լոկ ավելի կարճ ժամանակվա համար արդյունքներ կկորզեն առաջվա պես՝ առանց արդյունքներ տալու իրենց հերթին. այնինչ երկար աշխատապարբերաշրջաններ ունեցող ձեռնարկաճյուղերը շարունակաբար ավելի երկար ժամանակվա համար արդյունքներ կկորզեն՝ արդյունքներ հետ վերադարձնելուց առաջ։ Հետևաբար այս հանգամանքը ծագում է քննարկվող աշխատապրոցեսի իրեղեն պայմաններից, ոչ թե նրա հասարակական ձևից։ Հասարակական արտադրության ժամանակ դրամակապիտալը վերանում է։ Հասարակությունն աշխատայժն ու արտադրամիջոցները բաշխում է տարբեր ձեռնարկաճյուղերի միջև։ Արտադրողները կարող են, ասենք, թղթե հատկացագրեր ստանալ, որոնցով նրանք իրենց աշխատաժամանակի համապատասխան մի քանակ են կորզում հասարակական սպառապաշարներից։ Այս հատկացագրերը դրամ չեն։ Նրանք չեն շրջանառում։

Մենք տեսնում ենք, թե որչափով որ դրամակապիտալի նկատմամբ եղած պահանջմունքը ծագում է աշխատապարբերաշրջանի երկարությունից, ապա այս պայմանավորվում է երկու հանգամանքով. առաջին՝ նրանով, որ ընդհանրապես փողն է այն ձևը, որով պետք է հանդես գա յուրաքանչյուր անհատական կապիտալ (մի կողմ թողած վարկը) արտադրողական կապիտալի փոխարկվելու համար. այս բղխում է կապիտալիստական արտադրության, ընդհանրապես ապրանքարտադրության էությունից։— Երկրորդ՝ անհրաժեշտ դրամականխավճարման մեծությունը բղխում է այն հանգամանքից, որ ավելի երկար ժամանակվա ընթացքում միշտ աշխատույժ ու արտադրամիջոցներ են կորզվում հասարակությունից՝ առանց սրան վերադարձնելու այս ժամանակվա ընթացքում որևէ այնպիսի արդյունք, որը կարելի լիներ հետփոխարկել դրամի։ Առաջին հանգամանքը, որ կանխավճարվող կապիտալը պետք է դրամաձևով կանխավճարվի, չի վերանում բուն իսկ այս փողի ձևով, ուզում է՝ սա լինի մետաղադրամ, վարկադրամ, արժենիշ և այլն, միևնույն է։ Երկրորդ հանգամանքի վրա բոլորովին չի ազդում այն, թե արդյոք ի՛նչպիսի դրամամիջոցով կամ թև արտադրության որպիսի ձևով են աշխատանք, կենսամիջոցներ ու արտադրամիջոցներ կորզվում՝ առանց որևէ մի համարժեք հետ նետելու շրջանառության մեջ։

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ[2]

I. ՖԻԶԻՈԿՐԱՏՆԵՐԸ

Quesnay-ի Tableau économique-ն մի քանի խոշոր գծերով ցույց է տալիս, թե ինչպես ազգային արտադրության տարեկան ըստ արժեքի որոշ մի արտադրանք այնպես է բաշխվում շրջանառության միջոցով, որ, այլ անփոփոխ պարագաներում, տեղի ունենալ կարողանա նրա պարզ վերարտադրությունը, այսինքն միևնույն մասշտաբով վերարտադրությունը։ Արտադրապարբերաշրջանի ելակետը գործի էության համեմատ կազմում է վերջին տարվա հունձը։ Շրջանառության անհատական անթիվ ակտերը հենց սկզբից ընդգրկվում են իրենց բնորոշ-հասարակական մասսայական շարժման մեջ — հասարակության տնտեսական խոշոր, ֆունկցիապես որոշ դասակարգերի միջև տեղի ունեցող շրջանառության մեջ։ Մեզ այստեղ հետաքրքրում է հետևյալը. ամբողջ արդյունքի մեկ մասը — ինչպես և նույնի ամեն մի ուրիշ մաս իբրև անցյալ տարվա աշխատանքի նոր արգասիք՝ սպառման առարկա — հին, միևնույն բնաձևով վերահայտնվող կապիտալարժեքի լոկ կրիչն է միաժամանակ։ Նա չի շրջանառում, այլ մնում է յուր արտադրողների, ֆերմերների դասակարգի ձեռին՝ այնտեղ յուր կապիտալային ծառայությունը նորից սկսելու համար։ Տարեկան արդյունքի այս հաստատուն կապիտալամասի մեջ Quesnay-ն մտցնում է սրան չպատկանող տարրեր էլ, բայց նա դիպուկ կերպով թափանցում է բանի էության մեջ՝ շնորհիվ յուր մտահորիզոնի նեղ սահմանների, ըստ որի երկրագործությունը մարդկային աշխատանքի ներդրման միակ ոլորտն է, որ հավելարժեք է արտադրում, ուրեմն կապիտալիստական տեսակետի համաձայն՝ իսկապես արտադրողական միակ ոլորտն է։ Տնտեսական վերարտադրած պրոցեսը, որն էլ որ լինի նրա մասնահատուկ հասարակական բնույթը, այս մարզում (երկրագործության մեջ) մշտապես միահյուսվում է բնական մի վերարտադրապրոցեսի հետ։ Վերջինիս շոշափելի պայմանները լույս են սփռում առաջնի պայմանների վրա էլ և հեռու են պահում մտածության այն մոլորություններից, որոնք շրջանառության տեսապատրանքի ծնունդ են միայն։

Սիստեմ ասածիդ պիտակը նրանով է տարբերվում մյուս առարկաների պիտակից, որ առաջինը ոչ միայն գնորդին է խաբում, այլ հաճախ նաև վաճառորդին։ Quesnay-ն ինքն ու յուր ամենամոտ աշակերտները հավատում էին իրենց ֆեոդալական ցուցանակին, ինչպես մինչև այժմ հավատում են մեր դպրոցական գիտնականները։ Բայց իրականում ֆիզիոկրատական սիստեմը կապիտալիստական արտադրության անդրանիկ սիստեմավոր ըմբռնումն է։ Արդյունաբերական կապիտալի ներկայացուցիչը — ֆերմերների դասակարգը — ղեկավարում է ամբողջ տնտեսական շարժումը։ Երկրագործությունը վարում են կապիտալիստորեն, այսինքն իբրև կապիտալիստական ֆերմերի՝ խոշոր մասշտաբով ձեռնարկություն. հողն անմիջաբար մշակողը վարձու բանվորն է։ Արտադրությունը ոչ միայն սպառման առարկաներն է ստեղծում, այլև սրանց արժեքը. բայց նրա մղիչ շարժառիթը հավելարժեք ձեռք բերելն է, որի ծննդավայրն արտադրության ոլորտն է և ոչ թե շրջանառության ոլորտը։ Այն երեք դասակարգի շարքում, որոնք կերպակայում են իբրև շրջանառությամբ միջնորդագործվող հասարակական վերարտադրապրոցեսի կրիչներ, «արտադրողական» աշխատանքն անմիջաբար շահագործողը, հավելարժեք արտադրողը, կապիտալիստական ֆերմերը տարբերվում է նրանցից, որոնք այս հավելարժեքը սոսկ յուրացնողներ են։

Ֆիզիոկրատական սիստեմի կապիտալիստական բնույթը դեռ նրա ծաղկման պարբերաշրջանում արդեն առաջ է բերել օպոզիցիա, մի կողմից՝ հանձին Linguet-ի ու Mably-ի, մյուս կողմից՝ հանձին ազատ մանր հողատիրության պաշտպանների։



Ադամ Սմիթի՝ վերարտադրապրոցեսի վերլուծության մեջ արած հետընթաց քայլն[3] այնքան ակնբախ է մանավանդ այն պատճառով, որ նա ոչ միայն ուրիշ ժամանակ Quesnay-ի ճիշտ վերլուծությունները մշակելով առաջ է տանում, օրինակ, նրա «avances primitives»-ն [սկզբնական կանխավճարումներն] ու «avances annuelles»-ն [տարեկան կանխավճարումներն] ընդհանրականացնելով դարձնում է «հիմնական» ու «շրջանառու» կապիտալ[4], այլև տեղ-տեղ բոլորովին ընկրկելով ընկնում է ֆիզիոկրատական մոլորությունների մեջ։ Օրինակ, ապացուցելու համար, որ ֆերմերն ավելի մեծ արժեք է արտադրում, քան կապիտալիստների որևէ մի ուրիշ տեսակը, նա ասում է. «Ոչ մի ուրիշ հավասարամեծ կապիտալ արտադրողական աշխատանքի մի ավելի մեծ քանակ չի դնում շարժման մեջ, քան ֆերմերի կապիտալը։ Նրա ոչ միայն բանող ծառաները, այլ և նրա բանող անասուններն արտադրողական բանվորներ են։ [Հաճելի կոմպլիմե՜նտ բանող ծառաների համար։] «Հողագործության մեջ մարդկանց հետ միասին բնությունն էլ է աշխատում, և չնայած որ նրա աշխատանքը ոչ մի ծախս չի նստում, սակայն և այնպես նրա արդյունքը յուր արժեքն ունի ճիշտ այնպես, ինչպես ամենաթանգ բանվորներինը։ Երկրագործության ամենակարևոր գործառնություններն ըստ երևույթին ուղղված են ոչ այնքան բնության պտղաբերությանը շատացնելուն,— թեև նրանք այս էլ են անում,— որքան հիշյալ պտղաբերությունը մարդկանց համար ամենից օգտակար բույսերի արտադրության կողմը դարձնելուն։ Փշերով ու մոլախոտերով գերաճած մի դաշտ բավական հաճախ տալիս է բուսականության մի նույնպիսի մեծ քանակ, ինչպես լավ մշակած խաղողայգին կամ թե հացահատկի արտը։ Բուսատնկումն ու մշակումը հաճախ ավելի շատ ներգործում են բնության գործուն պտղաբերությունը կարգավորելու, քան թե աշխուժացնելու վրա. և այն բանից հետո, երբ բուսատնկումն ու մշակումն արել, պրծել է յուր ամբողջ աշխատանքը, բնության համար գործի մի խոշոր մաս դեռ միշտ էլի մնում է անելու։ Հետևաբար այն բանվորներն ու բանող անասունները (!), որոնք զբաղվում են հողագործության մեջ, մանուֆակտուրաներում զբաղվող բանվորների նման իրականացնում են ոչ թե լոկ մի այնպիսի արժեքի վերարտադրությունը, որը հավասար է նրանց սեփական սպառմանն ու նրանց զբաղեցնող կապիտալին՝ կապիտալիստի շահույթով հանդերձ, այլ և շատ ավելի մեծ մի արժեքի վերարտադրությունը։ Ֆերմերի կապիտալից ու նրա ամբողջ շահույթից զատ նրանք էլ ավելի կանոնավորապես կատարում են հողատիրոջ ռենտայի վերարտադրությունը։ Ռենտան կարող է իբրև արդյունքը նկատվել բնության այն ույժերի, որոնց գործադրությունը հողատերը վարձով զիջում է ֆերմերին։ Ռենտան ավելի մեծ է լինում կամ թե ավելի փոքր, նայած այս ույժերի բարձրության ենթադրված աստիճանին, ուրիշ խոսքով՝ նայած հողի բնական կամ թե արհեստականորեն առաջ բերած ենթադրական պտղաբերությանը։ Ռենտան բնության այն արգասիքն է, որը մնում է այն բոլորը հանելուց կամ թե փոխհատուցելուց հետո, ինչ որ կարող է մարդկանց գործ նկատվել։ Ռենտան հազվադեպ անգամ է ավելի քիչ լինում ամբողջ արդյունքի մի քառորդից և հաճախ ավելի շատ է լինում, նրա մի երրորդից։ Արտադրողական աշխատանքի ոչ մի հավասարամեծ քանակ մանուֆակտուրայում կիրառվելով երբեք չի կարող նույնպիսի մի խոշոր վերարտադրություն կատարել։ Մանուֆակտուրայում բնությունը ոչինչ չի անում, մարդն անում է ամեն ինչ. իսկ վերարտադրությունը միշտ պետք է համամասնական լինի այն գործակալների ույժերի նկատմամբ, որոնք կատարում են վերարտադրությունը։ Ուստի հողագործության մեջ ներդրված կապիտալը ոչ միայն արտադրողական աշխատանքի մեկ ավելի մեծ քանակ է շարժման մեջ դնում, քան մանուֆակտուրայում կիրառված մի որևէ հավասարամեծ կապիտալ, այլ և արտադրողական աշխատանքի՝ յուր զբաղեցրած քանակի համեմատությամբ մեկ շատ ավելի մեծ արժեք է ավելացնում մի երկրի հողի ու աշխատանքի տարեկան արդյունքի վրա, նրա բնակիչների իրական հարստության ու հասույթների վրա, քան մանուֆակտուրայում կիրառված հիշյալ կապիտալը։» (B. II, ch. 5, p. 242.)

B. II, ch. 1-ում Ա. Սմիթն ասում է. «Սերմացուի ամբողջ արժեքը նույնպես մի հիմնական կապիտալ է բուն իմաստով։» Ուրեմն այստեղ կապիտալը = կապիտալարժեք. նա գոյություն ունի «հիմնական» ձևով։ «Թեև սերմացուն գնում, գալիս է հողից դեպի ամբար ու ամբարից դեպի հողը, սակայն նա, որ ասե՜ս, սեփականատիրոջ ձեռից դուրս չի գալիս և ուրեմն չի շրջանառում իսկապես։ Ֆերմերը յուր շահույթը կորզում է ոչ թե սերմացուն ծախելուց, այլ սրա աճեցումից։» (p. 186.) Մտքի սահմանափակությունն այստեղ այն է, որ Սմիթը չի տեսնում հաստատուն կապիտալի արժեքի՝ նոր ձևով վերահայտնվելը, ուրեմն վերարտադրապրոցեսի կարևոր մոմենտը, որ արդեն Քենեն տեսնում էր, այլ հիշյալն ավելի շուտ համարում է լոկ մի նկարազարդումը — և այն էլ՝ մի սխալ նկարազարդումը — յուր այն դրույթի, որով ինքը տարբերում էր շրջանառու և հիմնական կապիտալը։ Երբ Սմիթն «avances primitives»-ն [սկզբնական կանխավճարումները] ու «avances annuelles»-ը [տարեկան կանխավճարումները] թարգմանում է «fixed capital» [հիմնական կապիտալ] ու «circulating capital» [շրջանառու կապիտալ], այստեղ առաջադիմությունը «կապիտալ» բառն է, որի գաղափարն ընդհանրականացում է՝ անկախ այն հատուկ նկատառումից, որ ֆիզիոկրատներն ունեին նրա կիրառման «հողագործական» ոլորտի վերաբերմամբ. հետադիմությունն այն է, որ «հիմնական» ու «շրջանառու» հատկանիշներն ըմբռնվում և ամրակայվում են իբրև վճռական տարբերություն։

II. ԱԴԱՄ ՍՄԻԹ

1) Սմիթի ընդհանուր տեսակետը

Ա. Սմիթը B. II, ch. 6, p. 42-ում ասում է. «Յուրաքանչյուր հասարակության մեջ ամեն մի ապրանքի գինը վերջիվերջո տրոհվում է այս երեք մասից (աշխատավարձ, շահույթ, հողառենտա) մեկն ու մեկին կամ թե բոլոր երեքին էլ. և առաջադիմած յուրաքանչյուր հասարակության մեջ հիշյալ երեքն էլ իբրև բաղադրամասեր, ավելի կամ թե պակաս չափով, մտնում են ապրանքների շատ խոշոր մեծամասնության գնի մեջ.»[5] կամ էլ, ինչպես ասված է հետո, p. 63. «Աշխատավարձը, շահույթն ու հողառենտան ինչպես ամեն հասույթի, այնպես էլ ամեն փոխանակարժեքի երեք սկզբնաղբյուրն են։» Մենք հետո ներքևում ավելի մանրամասն պետք է քննարկենք Ա. Սմիթի այս ուսմունքն «ապրանքների գնի», resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] «ամեն փոխանակարժեքի բաղադրամասերին վերաբերմամբ։— Այնուհետև ասված է. «Որովհետև այս ճիշտ է ամեն մի առանձին ապրանքի վերաբերմամբ՝ վերջինս ջոկ վերցրած, ապա պետք է ճիշտ լինի բոլոր ապրանքների վերաբերմամբ էլ՝ սրանք իբրև ամբողջություն վերցրած, որոնք կազմում են յուրաքանչյուր երկրի հողի ու աշխատանքի ամբողջ տարեկան արդյունքը։ Այս տարեկան արդյունքի ամբողջ գինը կամ փոխանակարժեքը պետք է տրոհվի միևնույն երեք մասին և բաշխվի երկրի տարբեր բնակիչների միջև կամ իբրև իրենց աշխատանքի վարձ, կամ թե որպես իրենց կապիտալի շահույթ, կամ էլ իբրև իրենց հողադույքի ռենտա։» (B. II, ch. 2, p. 190.)

Այն բանից հետո, երբ Ա. Սմիթը թե՛ բոլոր ապրանքների գինն առանձին վերցրած ու թե՛ «ամեն մի երկրի հողի ու աշխատանքի տարեկան արդյունքի... ամբողջ գինը կամ փոխանակարժեքը» տարալուծել է վարձու բանվորի, կապիտալիստի ու հողատիրոջ հասույթների երեք աղբյուրի — աշխատավարձի, շահույթի ու հողառենտայի, նա ստիպված է մի շրջուղիով մաքսանենգորեն մի չորրորդ տարր ներխցկելու, այն է՝ կապիտալի տարրը։ Այս կատարվում է՝ տարբերություն դնելով համախառն հասույթի ու զուտ հասույթի միջև։ «Մի մեծ երկրի բոլոր բնակիչների համախառն հասույթը յուր մեջ պարփակում է նրանց հողի ու նրանց աշխատանքի տարեկան ամբողջ արդյունքը. զուտ հասույթն ընդգրկում է այն մասը, որ մնում է նրանց տրամադրության տակ նախ՝ նրանց հիմնական կապիտալի ու երկրորդ՝ նրանց հոսուն կապիտալի պահելածախքերը հանելուց հետո, ուրիշ խոսքով՝ այն մասը, որ նրանք առանց իրենց կապիտալին դիպչելու կարող են մտցնել իրենց սպառապաշարի մեջ կամ թե ծախսել իրենց ապրուստի, կոմֆորտի ու բավականությունների համար։ Նրանց իսկական հարստությունը նույնպես համամասնական է ոչ թե նրանց համախառն հասույթի, այլ զուտ հասույթի նկատմամբ։» (Ib. p. 190.)

Սրա վերաբերմամբ պետք է նկատենք.

1) Ա. Սմիթն այստեղ որոշակի խոսում է լոկ պարզ վերարտադրության մասին ու ոչ թե ընդլայնված մասշտաբով վերարտադրության կամ կուտակման մասին. նա խոսում է գործող կապիտալը պահելու (maintaining) ծախսերի մասին միայն։ «Զուտ» հասույթը հավասար է, լինի՝ հասարակության, կամ թե անհատական կապիտալիստի, տարեկան արդյունքի այն մասին, որը կարող է մտնել «սպառաֆոնդի» մեջ, բայց այս ֆոնդի ծավալը չպետք է դիպչի գործող կապիտալին (encroach upon capital)։ Հետևաբար անհատական, ինչպես է հասարակական արդյունքի մի արժեմասը հանգում է ոչ թե աշխատավարձին, ոչ էլ շահույթին կամ թե հողառենտային, այլ կապիտալին։

2) Ա. Սմիթը յուր սեփական թեորիայից փոխս է տալիս մի բառախաղի — gross ու net revenue-ն, համախառն հասույթն ու զուտ հասույթը տարբերելու միջոցով։ Անհատական կապիտալիստը, ինչպես և կապիտալիստների ամբողջ դասակարգը կամ այսպես կոչված ազգը, արտադրության մեջ գործադրված կապիտալի արդյունքի փոխարեն ստանում է մի ապրանքարդյունք, որի արժեքը — որ կարելի է ներկայացնել բուն իսկ այս արդյունքի համամասնական մասերով — մի կողմից փոխհատուցում է ծախսված կապիտալարժեքը, ուրեմն կազմում է հասույթ ու ավելի բառացի ասած՝ revenue (revenue բառը revenir — վերադառնալ բառի particip-ն [դերբայ] է), բայց, nota bene [լավ նկատիր, ուշադրության առ], կազմում է Kapital—Revenue-ն կամ կապիտալահասույթը,— մյուս կողմից կազմում է այն արժեբաղադրամասերը, որոնք «բաշխվում են երկրի տարբեր բնակիչների միջև կամ իբրև իրենց աշխատանքի վարձի կամ թե որպես իրենց կապիտալի շահույթ, կամ էլ իբրև իրենց հողագույքի ռենտա», մի բան, որ սովորական կյանքում հասկացվում է հասույթ ասելով։ Ըստ այսմ ամբողջ արդյունքի արժեքը, այս վերաբերելիս լինի անհատական կապիտալիստին, թե ամբողջ երկրին, միևնույն է,— կազմում է որևէ մեկի հասույթը, սակայն մի կողմից՝ կապիտալահասույթը, մյուս կողմից՝ սրանից տարբերվող «հասույթը»։ Այսպիսով ուրեմն այն, ինչ որ ապրանքի արժեքը յուր բաղադրամասերին վերլուծելու ժամանակ հանված էր արանքից, դարձյալ մեջ է մտցվում հետին մի դռնով — «հասույթ» բառի երկիմաստության հետևանքով։ Բայց «իբրև հասույթ ստացվել» կարող են արդյունքի այնպիսի արժեբաղադրամասեր միայն, որոնք արդեն գոյություն ունեն արդյունքի մեջ։ Որպեսզի կապիտալն իբրև հասույթ ստացվի, կապիտալը պետք է նախապես ծախսված լինի։

Ա. Սմիթն այնուհետև ասում է. «Ամենացածր սովորական շահութանորման միշտ պետք է ավելին տա, քան բավական և գոցելու համար այն պատահական կորուստները, որոնց ենթակա է յուրաքանչյուր կապիտալակիրառում։ Այս հավելույթն է միայն, որ կազմում է անխառն կամ զուտ շահույթը։» [Այն, որ կապիտալիստն է, որ շահույթ ասելով անհրաժեշտ կապիտալածախսումներն է հասկանում։] «Այն, ինչ որ համախառն շահույթ է կոչվում, հաճախ ընդգրկում է ոչ միայն այս հավելույթը, այլ և այսպիսի արտակարգ կորուստների համար հետ դրած մասը։» (B. I, ch. 9. p. 72) Բայց սա ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ հավելարժեքի մեկ մասն, իբրև համախառն շահույթի մաս քննած, պետք է մի ապահովագրաֆոնդ կազմի աըտադրության համար։ Այս ապահովագրաֆոնդն ստեղծվում է այն հավելաշխատանքի մեկ մասի միջոցով, որ կապիտալն ուղղակի արտադրում է այս իմաստով, այսինքն իբրև վերարտադրության համար նախանշված ֆոնդ։ Ինչ վերաբերում է հիմնական կապիտալը և այլն պահելու ծախսին (տես վերևում մեջբերած հատվածները), ապա սպառված հիմնական կապիտալի՝ նորով փոխարինվելը ոչ մի նոր կապիտալածախսում չի կազմում, այլ հին կապիաալարժեքի նորացում է միայն նոր ձևով։ Իսկ ինչ վերաբերում է հիմնական կապիտալի վերանորոգմանը, որ Ա. Սմիթը նույնպես պահելածախքերի շարքն է դասում, ապա նրա ծախքը մտնում է կանխավճարած կապիտալի գնի մեջ։ Որ կապիտալիստը հիշյալ ծախքերը միանգամից ներդրելու, ստիպվածության փոխարեն լոկ աստիճանաբար ու պահանջմունքի համեմատ է ներդրում կապիտալի գործունեության ընթացքում և կարող է ներդրել արդեն գրպանած շահույթից առնելով, այս հանգամանքն ամենևին չի փոխում այս շահույթի աղբյուրը։ Այն արժեբաղադրամասը, որից ծագում է շահույթը, լոկ այն է ցույց տալիս, թե բանվորը հավելաշխատանք է մատակարարում ինչպես ապահովագրաֆոնդի, այնպես էլ վերանորոգման ֆոնդի համար։

Ա. Սմիթը մեզ պատմում է հիմա, որ զուտ հասույթից, այսինքն մասնահատուկ իմաստով հասույթից պետք է բացառել ամբողջ հիմնական կապիտալը, բայց նաև շրջանառու կապիտալի այն ամբողջ մասը, որ պահանջվում է հիմնական կապիտալը պահելու և վերանորոգելու, ինչպես և նրա նորացման համար, իրոք այն ամբողջ կապիտալը, որ սպառաֆոնդի համար նախանշված մի բնաձևում չի գտնվում։

«Ակներև է, որ հիմնական կապիտալը պահելու համար արվող ամբողջ ծախսը պետք է բացառվի հասարակության զուտ հասույթից։ Ոչ այն հումքը, որով պետք է սարքին պահվեն օգտակար մեքենաներն ու արդյունաբերական գործիքները, ոչ էլ այն աշխատանքի արդյունքը, որ պահանջվում է այս հումքերին ցանկացած կերպարանքը տալու համար, չեն կարող այս հասույթի որևէ մեկ մասը կազմել։ Այս աշխատանքի գինն անշուշտ կարող է այն հասույթի մի մասը կազմել, որովհետև այս կերպ զբաղված բանվորները կարող են իրենց աշխատավարձի ամբողջ արժեքը ներդրել իրենց անմիջական սպառապաշարի մեջ։ Բայց աշխատանքի ուրիշ տեսակների ժամանակ այս սպառապաշարի մտնում է թե՛ գինը» [այսինքն՝ այս աշխատանքի համար վճարված վարձը] «և թե՛ արդյունքը» [որում մարմնանում է այս աշխատանքը]. «գինը մտնում է բանվորների սպաառապաշարի մեջ, արդյունքն՝ ուրիշ մարդկանց սպառապաշարի մեջ, որոնց ապրուստը, կոմֆորտն ու բավականությունները շատանում են այս բանվորների աշխատանքի շնորհիվ։» (B. II, ch. 2, p. 190, 191.)

Ա. Սմիթն այստեղ բաղխվում է այն շատ կարևոր մի տարբերությանը, որ կա արտադրամիջոցների արտադրության մեջ գործող բանվորների ու սպառամիջոցների անմիջական արտադրության մեջ գործող բանվորների մեջ։ Առաջինների ապրանքարդյունքի արժեքը պարունակում է մի բաղադրամաս, որը հավասար է աշխատավարձերի գումարին, այսինքն աշխատույժ գնելու վրա ծախսված կապիտալամասի արժեքին. այս արժեմասը գոյություն ունի մարմնապես իբրև այս բանվորների արտադրած արտադրամիջոցների մի հայտնի բաժին։ Իրենց աշխատավարձի դիմաց ստացած փողը նրանց համար հասույթ է, բայց ոչ հենց իրենց, ոչ էլ ուրիշների համար նրանց աշխատանքը չի արտադրել այնպիսի արդյունքներ, որ կարելի լինի սպառել։ Հետևաբար բուն իսկ այս արդյունքները չեն կազմում տարեկան արդյունքի այն մասի տարրը, որ նախանշված է մատակարարելու հասարակական այն սպառաֆոնդը, որով միայն կարող է իրացվել «զուտ հասույթը»։ Ա. Սմիթը մոռանում է այստեղ ավելացնել, թե ինչ որ ասվեց աշխատավարձերի մասին, նմանապես վերաբերում է արտադրամիջոցների այն արժեբաղադրամասին էլ, որը շահույթի ու ռենտայի կատեգորիաների տակ կազմում է (առաջին հերթին) արդյունաբերական կապիտալիստի հասույթը։ Այս արժեբաղադրամասերն էլ գոյություն ունեն իբրև արտադրամիջոցներ, որպես ոչ-սպառելի բան. իրենց դրամացումից հետո միայն սրանք կարող են իրենց գնի համեմատ վերցնել մի քանակ այն սպառամիջոցներից, որ արտադրել են երկրորդ տեսակի բանվորները, ու փոխանցելով՝ իրենց տերերի անհատական սպառաֆոնդի մեջ մտցնել։ Սակայն է՛լ ավելի պետք է Ա. Սմիթը տեսներ, թե տարվա ընթացքում արտադրված արտադրամիջոցների այն արժեմասը, որը հավասար է արտադրության այս ոլորտում գործող արտադրամիջոցների արժեքին — այն արտադրամիջոցների, որոնցով արտադրամիջոցներ են շինվում — հետևաբար մի արժեմաս, որը հավասար է այստեղ կիրառված հաստատուն կապիտալի արժեքին, ոչ միայն շնորհիվ յուր բնաձևի, որով նա գոյություն ունի, այլև յուր կապիտալաֆունկցիայի հետևանքով. բացարձակապես բացառված է հասույթ կազմող ամեն մի արժեբաղադրամասից։

Երկրորդ տեսակի բանվորների վերաբերմամբ էլ — որոնք անմիջաբար սպառամիջոցներ են արտադրում — Ա. Սմիթի որոշումները լիովին ճիշտ չեն։ Այն է՝ նա ասում է, թե աշխատանքի այս տեսակներում երկուսն էլ, աշխատանքի գինն ու արդյունքն անմիջական սպառաֆոնդի մեջ են մտնում (go to), «գինը (այսինքն իբրև աշխատավարձ ստացած փողը) մտնում է բանվորների սպառաֆոնդի մեջ, իսկ արդյունքն՝ ուրիշ մարդկանց (that of other people) սպառաֆոնդի մեջ, որոնց ապրուստը, կոմֆորտն ու բավականությունները շատանում են այս բանվորների աշխատանքի շնորհիվ։» Բայց բանվորը չի կարող յուր աշխատանքի «գնով» ապրել, այն փողով, որով վճարվում է նրա աշխատավարձը. նա այս փողն իրացնում է, երբ սրանով սպառամիջոցներ է գնում. սրանք կարող են կազմված լինել մասամբ այնպիսի ապրանքատեսակներից, որ հենց նա ինքն է արտադրել։ Մյուս կողմից՝ կարող է նրա սեփական արդյունքը մի այնպիսի արդյունք լինել, որը մտնում է աշխատանքը շահագործողի սպառման մեջ միայն։

Այն բանից հետո, երբ Ա. Սմիթն այսպիսով հիմնական կապիտալն ամբողջովին վտարում է մի երկրի «զուտ հասույթից», նա շարունակում է.

«Թեև հիմնական կապիտալը պահելու համար արվող ամբողջ ծախսն այսպիսով անհրաժեշտորեն բացառվում է հասարակության զուտ հասույթից, սակայն և այնպես նույնը չի կատարվում շրջանառու կապիտալը պահելու համար արվող ծախսի վերաբերմամբ։ Այն չորս մասից, որոնցից կազմված է այս վերջին կապիտալը և որոնք են՝ փողը, կենսամիջոցները, հումքերն ու պատրաստի արդյունքները, վերջին երեքն, ինչպես արդեն ասվեց, կանոնավորապես հանվում են նրա միջից և մտցվում հասարակության կամ հիմնական կապիտալի մեջ, կամ էլ անմիջական սպառման համար նախանշված պաշարի մեջ։ Սպառելի առարկաների այն մասը, որը չի կիրառվում առաջինը» [հիմնական կապիտալը] «պահելու համար, ամբողջովին մտնում է վերջնի մեջ» [անմիջական սպառման համար նախանշված պաշարի մեջ] «և կազմում է հասարակության զուտ հասույթի մի մասը։ Հետևաբար շրջանառու կապիտալի այս երեք մասը պահելը հասարակության զուտ հասույթը քչացնում է տարեկան արդյունքի այն մասի չափով միայն, որը հարկավոր է հիմնական կապիտալը պահելու համար։» (B. II, ch. 2, p. 192.)

Լոկ նույնաբանություն է այս ասելը, թե շրջանառու կապիտալի այն մասը, որը չի ծառայում արտադրամիջոցների արտադրությանը, մտնում է սպառամիջոցների արտադրության մեջ, ուրեմն տարեկան արդյունքի այն մասի մեջ, որը նախանշված է հասարակության սպառաֆոնդը կազմելու։ Բայց կարևորն այն է, որն անմիջապես հաջորդում է սրան։

«Մի հասարակության շրջանառու կապիտալն այս կողմից տարբեր է մի առանձին անհատի շրջանառու կապիտալից։ Առանձին անհատինն ամբողջովին բացառված է նրա զուտ հասույթից և երբեք չի կարող սրա մի մասը կազմել. սա կարող է բացառապես նրա շահույթից միայն կազմված լինել։ Բայց չնայած որ ամեն մի առանձին անհատի շրջանառու կապիտալը կազմում է այն հասարակության շրջանառու կապիտալի մի մասը, որին պատկանում է հիշյալ անհատը, այնուամենայնիվ անհատի շրջանառու կապիտալն այս պատճառով անպայման չի բացառվում հասարակության զուտ հասույթից և կարող է սրա մի մասը կազմել։ Թեև մի մանրավաճառի կրպակում եղած բոլոր ապրանքներն ամենևին չեն կարող նրա սեփական անմիջական սպառման համար նախանշված պաշարի շարքը դասվել, սակայն և այնպես նրանք կարող են պատկանել ուրիշ մարդկանց սպառաֆոնդին, որոնք ուրիշ ֆոնդից ձեռք բերած հասույթի միջոցով կանոնավորապես փոխհատուցում են նրա ապրանքների արժեքը նրա շահույթի հետ միասին, և սրանից ո՛չ նրա կապիտալի ու ոչ էլ հիշյալների կապիտալի մի քչացում առաջ չի գալիս ամենևին։» (ibidem.)

Այսպիսով ուրեմն մենք իմանում ենք հետևյալը.

1) Ամեն մի անհատական կապիտալիստի ինչպես հիմնական կապիտալը և սրա վերարտադրության (նա ֆունկցիան մոռանում է) ու պահելու համար անհրաժեշտ շրջանառու կապիտալը, այնպես էլ սպառամիջոցների արտադրության մեջ գործող շրջանառու կապիտալն ամբողջովին բացառվում է նրա զուտ հասույթից, որը կարող է կազմված լինել նրա շահույթից միայն։ Հետևաբար նրա ապրանքարդյունքի այն մասը, որով փոխհատուցվում է նրա կապիտալը, չի կարող տարալուծվել այն արժեբաղադրամասերին, որոնք հասույթ են կազմում նրա համար։

2) Ամեն մի անհատական կապիտալիստի շրջանառու կապիտալը կազմում է հասարակության շրջանառու կապիտալի մի մասը ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր անհատական հիմնական կապիտալ։

3) Հասարակության շրջանառու կապիտալը, թեև անհատական շրջանառու կապիտալների լոկ գումարն է ներկայացնում, ամեն մի անհատական կապիտալիստի շրջանառու կապիտալից տարբեր բնույթ ունի։ Վերջինս երբեք չի կարող նրա հասույթի մի մասը կազմել. իսկ առաջնի մեկ մասը (այն է՝ սպառամիջոցներից կազմված մասը), ընդհակառակը, կարող է միաժամանակ հասարակության հասույթի մի մասը կազմել, կամ, ինչպես նա քիչ առաջ ասեց, հիշյալը չպետք է հասարակության զուտ հասույթն անհրաժեշտորեն քչացնի տարեկան արդյունքի մի մասի չափով։ Իրապես այն, ինչ որ Ա. Սմիթը շրջանառու կապիտալ է անվանում այստեղ, կազմված է տարվա ընթացքում արտադրված այն ապրանքակապիտալից, որ սպառամիջոցներ արտադրող կապիտալիստներն ամեն տարի նետում են շրջանառության մեջ։ Նրանց այս ամբողջ տարեկան ապրանքարդյունքը բաղկացած է լինում սպառելի առարկաներից և ուրեմն կազմում է այն ֆոնդը, որով իրացվում և որի վրա ծախսվում են հասարակության զուտ հասույթները (աշխատավարձն էլ ներառյալ)։ Մանրավաճառի կրպակի ապրանքներն իբրև օրինակ ջոկելու փոխարեն Ա. Սմիթը պետք է վերցներ արդյունաբերական կապիտալիստի ապրանքապահեստանոցներում գտնվող արդյունամասսաները։

Եթե Ա. Սմիթն ամփոփեր մտքերի այն պատառիկները, որոնք նրա գլուխն էին խցկվում առաջ, երբ նա քննարկում էր վերարտադրությունն այն բանի, որ նա հիմնական կապիտալ է անվանում, ու հիմա, երբ քննարկում է վերարտադրությունն այն բանի, ինչ որ նա շրջանառու կապիտալ է անվանում, ապա կհասներ այս հետևանքին.

I. Հասարակական տարեկան արդյունքը կազմված է լինում երկու բաժնից. առաջինն ընդգրկում է արտադրամիջոցները, երկրորդը՝ սպառամիջոցները. այս երկուսն էլ պետք է ջոկ–ջոկ քննարկել։

II. Տարեկան արդյունքի՝ արտադրամիջոցներից կազմվող մասի ամբողջ արժեքը տրոհվում է հետևյալ կերպով. մի արժեմասն այս արտադրամիջոցների պատրաստման վրա գործադրված արտադրամիջոցների արժեքն է միայն, հետևաբար նորացված ձևով վերահայտնվող կապիտաշարժեք է միայն. երկրորդ մասը հավասար է աշխատույժի վրա ծախսված կապիտալի արժեքին կամ հավասար է այն աշխատավարձերի գումարին, որ վճարած են լինում արտադրության այս ոլորտի կապիտալիստները։ Վերջապես երրորդ արժեմասը կազմում է այս կատեգորիայի արդյունաբերական կապիտալիստների շահույթների — հողառենտաներն էլ ներառյալ — աղբյուրը։

Առաջին բաղադրամասը, ըստ Ա. Սմիթի՝ առաջին ստորաբաժանման մեջ զբաղված բոլոր անհատական կապիտալների վերարտադրված հիմնական կապիտալամասը, «ակներևորեն բացառված է և երբեք չի կարող զուտ հասույթի մի մասը կազմել», լինի՝ այս զուտ հասույթն անհատական կապիտալիստինը, թե հասարակությանը, միևնույն է։ Նա միշտ գործում է որպես կապիտալ ու ոչ երբեք իբրև հասույթ։ Այս չափով էլ յուրաքանչյուր անհատական կապիտալիստի «հիմնական կապիտալը» ոչնչով չի տարբերվում հասարակության հիմնական կապիտալից։ Բայց հասարակության՝ արտադրամիջոցներից բաղկացած տարեկան արդյունքի մյուս արժեմասերը — արժեմասեր, որոնք էլ ուրեմն գոյություն ունեն իբրև արտադրամիջոցների այս ամբողջ մասսայի պատկական մասեր — ճիշտ է, միաժամանակ կազմում են հասույթներ այս արտադրությանը մասնակցող բոլոր գործակալների համար, աշխատավարձեր՝ բանվորների համար, շահույթներ ու ռենտաներ՝ կապիտալիստների համար։ Սակայն նրանք ոչ թե հասույթ, այլ կապիտալ են հասարակության համար, չնայած որ հասարակության տարեկան արդյունքը բաղկացած է հասարակությանը պատկանող անհատական կապիտալիստների արդյունքների գումարից միայն։ Նրանք մեծ մասամբ կարող են արդեն հենց իրենց բնության համեմատ լոկ իբրև արտադրամիջոցներ գործել, և նույնիսկ նրանք, որ կարիքի դեպքում կարող էին որպես սպառամիջոցներ գործել, նախանշված են իբրև նոր արտադրության հումք ու օժանդակ նյութեղեն ծառայելու։ Նրանք գործում են որպես այսպիսին — ուրեմն իբրև կապիտալ — բայց ոչ թե իրենց արտադրողների ձեռին, այլ իրենց կիրառողների ձեռքում, այն է՝

III. երկրորդ ստորաբաժանման կապիտալիստների, անմիջաբար սպառամիջեցներ արտադրողների ձեռին։ Նրանք սրանց փոխհատուցում են սպառամիջոցների արտադրության մեջ գործադրված կապիտալը (որչափով որ վերջինս չի փոխարկված աշխատույժի, հետևաբար չի փոխարկված այս երկրորդ ստորաբաժանման բանվորներին վճարվող աշխատավարձերի գումարի), մինչդեռ այս գործադրված կապիտալը, որն սպառամիջոցների ձևով հիմա գտնվում է սպառամիջոցներ արտադրող կապիտալիստների ձեռին, յուր հերթին — ուրեմն հասարակական տեսակետից — կազմում է այն սպառաֆոնդը, որին փոխարկելով իրացնում են իրենց հասույթներն առաջին ստորաբաժանման կապիտալիստներն ու բանվորները։

Եթե Ա. Սմիթն այսքան առաջ տաներ յուր վերլուծությունը, նա շատ քիչ կվրիպեր ամբողջ առեղծվածը լուծելում։ Նա կիպ մոտեցել էր հարցը հասկանալուն, որովհետև արդեն նկատել էր, որ ապրանքակապիտալների մի տեսակի (արտադրամիջոցների) որոշ արժեմասերը, որոնցից բաղկացած է հասարակության տարեկան ամբողջ արդյունքը, ճիշտ է, նրանց արտադրության մեջ զբաղված անհատական բանվորների ու կապիտալիստների համար հասույթ կազմում են, բայց հասարակության հասույթի ոչ մի բաղադրամաս չեն կազմում. այնինչ մյուս տեսակի (սպառամիջոցների) մի արժեմասը թեև կապիտալարժեք կազմում է յուր անհատական տիրոջ համար, ներդրման այս ոլորտում զբաղված կապիտալիստների համար, բայց այնուամենայնիվ լոկ հասարակական հասույթի մի մասն է հանդիսանում։

Սակայն մինչև հիմա ասածներից արդեն հետևում է այսքանը.

Առաջին. Թեև հասարակական կապիտալը միմիայն հավասար է անհատական կապիտալների գումարին, և ուրեմն հասարակության տարեկան ապրանքարդյունքը (կամ ապրանքակապիտալը) հավասար է այս անհատական կապիտալների ապրանքարդյունքների գումարին, հետևաբար թեև ապրանքարժեքը յուր բաղադրամասերին վերլուծելը, որ ճիշտ է ամեն մի անհատական կապիտալի վերաբերմամբ, պետք է ճիշտ լինի ամբողջ հասարակության համար էլ և վերջին հաշվով հենց իրոք ճիշտ է,— այնուամենայնիվ տարբեր է այն երևաձևը, որով հիշյալ բաղադրամասերը ներկայանում են հասարակական ամբողջ վերարտադրապրոցեսում։

Երկրորդ. Նույնիսկ պարզ վերարտադրության պատվանդանի վրա տեղի է ունենում ոչ միայն աշխատավարձի (փոփոխուն կապիտալի) ու հավելարժեքի արտադրություն, այլև նոր հաստատուն կապիտալարժեքի ուղղակի արտադրություն, չնայած որ աշխատօրը լոկ երկու մասից է բաղկացած — մի մասից, որի ընթացքում բանվորը փոփոխուն կապիտալն֊ է փոխհատուցում, իրոք մի համարժեք է արտադրում յուր աշխատույժը գնելու համար, ու երկրորդ մասից, որի ընթացքում հավելարժեք (շահույթ, ռենտա և այլն) է արտադրում։— Հենց այն օրական աշխատանքը, որ ծախսվում է արտադրամիջոցների վերարտադրության վրա — և որի արժեքը տրոհվում է աշխատավարձի ու հավելարժեքի — իրացվելով փոխարկվում է նոր արտադրամիջոցների, որոնք սպառամիջոցների արտադրության վրա ծախսված հաստատուն կապիտալամասն են փոխհատուցում։

Գլխավոր դժվարությունները, որոնց ամենամեծ մասն արդեն լուծված է մինչև հիմա ասածներովս, հանդես են դալիս ոչ թե կուտակումը, այլ պարզ վերարտադրությունը քննարկելիս։ Այս է պատճառը, որ թե՛ Ա. Սմիթը (B. II) և թե՛ ավելի առաջ Քենեն (Tableau économique) պարզ վերարտադրությունից են չվում, հենց որ խոսքը վերաբերում է հասարակության տարեկան արդյունքի շարժմանն ու շրջանառությամբ միջնորդագործված նրա վերարտադրությանը։

2) Փոխանակարժեքի սմիթյան տրոհումը v + m-ի

Ա. Սմիթի այն դոգման, թե ամեն մի առանձին ապրանքի, ուրեմն նաև այն բոլոր ապրանքների ամբողջության գինը կամ թե փոխանակարժեքը (exchangeable value), որոնցից կազմված է հասարակության տարեկան արդյունքը (նա իրավամբ կապիտալիստական արտադրություն է ենթադրում ամենուրեք), բաղկանում է երեք բաղադրամասից (component parts) կամ թե տրոհվում է (resolves itself into) աշխատավարձի, շահույթի ու ռենտայի,— կարող է հանգեցվել այն դրույթին, թե ապրանքարժեքը = v + m, այսինքն հավասար է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին, պլյուս հավելարժեքին։ Եվ շահույթն ու ռենտան այսպիսով այն մի ընդհանուր միասնության հանգեցնելը, որ m ենք անվանում, մենք կարող ենք կատարել հենց Ա. Սմիթի որոշակի թույլտվությամբ, ինչպես ցույց են տալիս հաջորդ մեջբերումները, որոնցից մենք դուրս ենք թողնում ամենից առաջ բոլոր կողմնակի կետերը, ուրեմն հենց այն բոլոր թվացող կամ թե իրական շեղումները դոգմայից, ըստ որի ապրանքարժեքն իբր թե բաղկացած է բացառապես այն տարրերից, որ մենք իբրև v + m ենք նշանակում։

Մանուֆակտուրայում.— «Այն արժեքը, որ բանվորներն ավելակցում են նյութեղեններին, տրոհվում է... երկու մասի, որոնցից մեկը նրանց աշխատավարձն է վճարահատուցում, իսկ մյուսն՝ իրենց գործատիրոջ այն ամբողջ կապիտալի շահույթը, որ նա կանխավճարել է նյութեղենի ու աշխատավարձի համար։» (I գիրք, ch. 6, p. 41.) «Թեև մանուֆակտուրիստը [մանուֆակտուրային բանվորը] «յուր աշխատավարձը յուր գործատիրոջից է կանխավճարված ստանում, սակայն իրականում աշխատավարձը ոչինչ չի նստում գործատիրոջ վրա, որովհետև այս աշխատավարձի արժեքը մի շահույթի հետ միասին սովորաբար պահվում, մնում է (reserved) այն առարկայի շատացած արժեքի մեջ, որի վրա գործադրվել է նրա աշխատանքը։» (B. II, ch. 3, p. 221.) Կապիտալի (stock) այն մասը, որը ծախսվում է «արտադրողական աշխատանքին ապրուստ տալու համար... ու այն բանից հետո, երբ հիշյալ մասը նրան» [գործատիրոջը] «ծառայել է մի կապիտալի գործունեության ժամանակ... մի հասույթ է կազմում նրանց համար» [բանվորների համար]։ (B. II, ch. 3, p. 223.)

Ա. Սմիթը հենց նոր մեջբերած գլխում որոշակի ասում է. «Ամեն մի երկրի հողի ու աշխատանքի տարեկան ամբողջ արդյունքը... տրոհվում է ի բնե (naturally) երկու մասի։ Սրանցից մեկը, և հաճախ ամենամեծը, առաջին հերթին նախանշված է մի կապիտալ փոխհատուցելու և նորացնելու այն կենսամիջոցները, հումքերն ու պատրաստի արդյունքները, որոնք կորզվել են մի կապիտալից. մյուսը նախանշված է մի հասույթ կազմելու, լինի սա այս կապիտալի տիրոջ համար կապիտալաշահույթ, թե որևէ մի ուրիշի համար յուր հողագույքի ռենտա, միևնույն է։» (p. 222.) Կապիտալի մեկ մասը միայն, ինչպես առաջ լսել ենք Ա. Սմիթից, միաժամանակ հասույթ է կազմում որևէ մեկի համար, այսինքն այն մասը, որը ներդրված է արտադրողական աշխատանք գնելու համար։ Սա — փոփոխուն կապիտալը — յուր գործատիրոջ ձեռին ու նրա համար ամենից առաջ «մի կապիտալի ֆունկցիան է կատարում և հետո էլ «մի հասույթ է կազմում» բուն իսկ արտադրողական բանվորի համար։ Կապիտալիստը յուր կապիտալարժեքի մի մասը փոխարկում է աշխատույժի ու հենց սրանով էլ՝ փոփոխուն կապիտալի. լոկ այս փոխակերպության շնորհիվ է, որ գործում է ոչ միայն կապիտալի այս մասը, այլ և նրա ամբողջ կապիտալը որպես արդյունաբերական կապիտալ։ Բանվորը — աշխատույժը ծախողը — սրա արժեքն ստանում է աշխատավարձի ձևով։ Նրա ձեռին աշխատույժը վաճառելի ապրանք է միայն, ապրանք, որը ծախելով է նա ապրում, որը հետևաբար նրա հասույթի միակ աղբյուրն է կազմում. իբրև փոփոխուն կապիտալ՝ աշխատույժը գործում է սրա գնորդի, կապիտալիստի ձեռին միայն, և կապիտալիստը հենց առքագինն էլ լոկ երևութապես է կանխավճարում, քանի որ նրա արժեքը բանվորն արդեն առաջուց է տվել կապիտալիստին։

Այն բանից հետո, երբ Ա. Սմիթն այսպիսով մեզ ցույց է տվել, թե մանուֆակտուրայում արդյունքի արժեքը = v + m (որտեղ m = կապիտալիստի շահույթին), նա մեզ ասում է, թե երկրագործության մեջ բանվորները բացի «այն մի արժեքի վերարտադրությունից, որը հավասար է նրանց սեփական սպասմանն ու նրանց գործատու» [փոփոխուն] «կապիտալին՝ կապիտալիստի շահույթով հանդերձ» — բացի «ֆերմերի կապիտալից ու նրա ամբողջ շահույթից՝ դեռ հողատիրոջ ռենտայի վերարտադրությունն էլ են անում կանոնավորապես։» (B. II, ch. 5, p. 243.) Այս հարցի համար, որը մենք քննարկում ենք, բոլորովին նշանակություն չունի, որ ռենտան հողատիրոջ ձեռքն է մտնում։ Նրա ձեռքը մտնելուց առաջ ռենտան պետք է ֆերմերի ձեռին, այսինքն արդյունաբերական կապիտալիստի ձեռին գտնվի։ Որևէ մեկի հասույթը դառնալուց առաջ նա պետք է արդյունքի մի արժեբաղադրամասը կազմի։ Հետևաբար հենց իրեն՝ Ա. Սմիթի մոտ էլ ռենտան, ինչպես և շահույթը, հավելարժեքի բաղադրամասերն են լոկ, որ արտադրողական բանվորը միշտ վերարտադրում է յուր սեփական աշխատավարձի հետ միաժամանակ, այսինքն փոփոխուն կապիտալի արժեքի հետ միասին։ Ուրեմն ռենտան, ինչպես և շահույթը, m հավելարժեքի մասերն են, և այսպիսով, ըստ Ա. Սմիթի, բոլոր ապրանքների էլ գինը տրոհվում է v + m-ի։

Այն դոգման, թե բոլոր ապրանքների (ուրեմն և տարեկան ապրանքարդյունքի) գինը տրոհվում է աշխատավարձի, պլյուս շահույթի, պլյուս ռենտայի, Սմիթի երկի՝ ամենուրեք ներսողոսկող էզոտերիկ մասում հենց այն ձևն է ընդունում, թե յուրաքանչյուր ապրանքի, հետևաբար հասարակության տարեկան ապրանքարդյունքի էլ արժեքը = v + m = աշխատույժի վրա ծախսված ու բանվորի կողմից միշտ վերարտադրվող կապիտալարժեքին, պլյուս այն հավելարժեքը, որ բանվորները միակցում են իրենց աշխատանքով։

Ա. Սմիթի այս վերջնահետևանքը միաժամանակ բացահայտում է մեր աչքի առջև — տես հետո ներքևում — այն բաղադրամասերի նրա միակողմանի վերլուծության աղբյուրը, որոնց կարող է տրոհվել ապրանքարժեքը։ Բայց այս բաղադրամասերից յուրաքանչյուր մեկի մեծությունը որոշելու և նրանց արժեգումարի սահմանների հետ ոչ մի առնչություն չունի այն հանգամանքը, որ նրանք միաժամանակ տարբեր հասութաղբյուրներ են հանդիսանում արտադրության մեջ գործող տարբեր դասակարգերի համար։

Երբ Ա. Սմիթն ասում է՝ «աշխատավարձը, շահույթն ու հողառենտան ամեն հասույթի, ինչպես և ամեն փոխանակարժեքի երեք սկզբնաղբյուրն են, ուրիշ ամեն մի հասույթ վերջին հաշվով բղխում է սրանցից մեկն ու մեկից» (B. II, ch. 6, p. 48.), ապա այստեղ իրար հետ խառը կուտակված են ամեն տեսակի quid pro quo-ներ։ [փոխսարկումներ, շփոթումներ]

1) Հասարակության այն բոլոր անդամները, որոնք աշխատանքով կամ թե առանց աշխատանքի գործում են վերարտադրության մեջ ոչ ուղղակիորեն, կարող են տարեկան ապրանքարդյունքի մեջ ունեցած իրենց բաժինը — ուրեմն իրենց սպառամիջոցները — առաջին հերթին ստանալ այն դասակարգերի ձեռքից, որոնց ձեռքն է ընկնում արդյունքն առաջին հերթին — արտադրողական բանվորների, արդյունաբերական կապիտալիստների ու հողատերերի ձեռից։ Այս իմաստով նրանց հասույթները նույնպես բղխում են (արտադրողական բանվորների) աշխատավարձից, շահույթից ու հողառենտայից և հետևաբար հիշյալ սկզբնահասույթների նկատմամբ հանդիսանում են բղխեցված հասույթներ։ Սակայն մյուս կողմից՝ այս իմաստով բղխեցված այս հասույթներն ստացողները նույն հասույթները ձեռք են բերում իբրև թագավոր, տերտեր, պրոֆեսոր, պոռնիկ, ռազմիկ և այլն ունեցած հասարակական ֆունկցիայի միջոցով և ուրեմն նրանք կարող են իրենց այս ֆունկցիաներն իրենց հասույթների սկզբնաղբյուրներ նկատել։

2) — և այստեղ ահա յուր գագաթնակետին է հասնում Ա. Սմիթի զավեշտական սխալը.— այն բանից հետո, երբ նա այսպիսով սկսել էր ճիշտ որոշել ապրանքի արժեբաղադրամասերն ու այն արժեքային արդյունքի գումարը, որը մարմնացած է հիշյալ արժեբաղադրամասերի մեջ, և ապա ցույց տալ, թե այս բաղադրամասերը նույնաքանակ տարբեր հասութաղբյուրներ են կազմում[6], այն բանից հետո, երբ այսպիսով հասույթները բղխեցրել էր արժեքից, նա հակառակն է վարվում հետո — իսկ այս պատկերացումը նրա մոտ իշխող պատկերացումն է մնում — և հասույթները «բաղադրամասերից» (component parts) դարձնում է «ամեն փոխանակարժեքի սկզբնաղբյուրներ», որով դուռ ու դարբասը լայն բաց է անում գռեհիկ տնտեսագիտության առջև։ (Տե՛ս մեր Ռոշերը)։

3) Հաստատուն կապիտալամասը

Հիմա մենք տեսնենք, թե Ա. Սմիթն ինչպես է ճգնում կապիտալի հաստատուն արժեմասը դենը վտարել ապրանքարժեքից։

«Օրինակ, հացահատկի գնի մեջ արդեն վճարվում է հողատիրոջ ռենտայի մի մասը։» Այս արժեբաղադրամասի ծագումը նույնպես առնչություն չունի ամենևին այն հանգամանքի հետ, որ նա հողատիրոջն է վճարում և ռենտայի ձևով նրա հասույթն է կազմում, ինչպես մյուս արժեբաղադրամասերը կապ չունեն այն հանգամանքի հետ, որ նրանք իբրև շահույթ ու աշխատավարձ հասութաղբյուրներ են կազմում։

«Մի ուրիշ մասը վճարահատուցում է այն բանվորների [ու բանող անասունի!— ավելացնում է նա] աշխատավարձն ու ապրուստը, որոնք զբաղված էին նրա արտադրության մեջ, իսկ երրորդ մասը վճարահատուցում է ֆերմերի շահույթը։ Այս երեք մասը, ըստ երևույթին [seem, իրոք թվում է] կա՛մ անմիջաբար, կամ թե վերջին հաշվով կազմում են հացահատկի ամբողջ գինը։»[7] Այս ամբողջ գինը, այսինքն նրա մեծության որոշումը բացարձակապես անկախ է նրա՝ երեք տեսակ անձերի միջև բաշխվելուց։ «Մի չորրորդ մասը կարող է անհրաժեշտ թվալ ֆերմերի կապիտալը փոխհատուցելու համար կամ թե նրա բանող անասունի մաշվածքն ու նրա երկրագործական մյուս պատկանելիքները փոխհատուցելու համար։ Բայց պետք է ուշադրության առնվի այն, թե հենց երկրագործական որևէ պատկանելիքի, օրինակ, բանող ձիու գինն էլ կազմվում է վերևի երեք մասից — այն հողի ռենտայից, որի վրա նա բուծվում է, բուծման աշխատանքից ու այն ֆերմերի շահույթից, որը կանխավճարում է երկուսն էլ, այս հողի ռենտան ու այս աշխատանքի վարձը։ Ուստի թեև հացահատկի գինը կարող է փոխհատուցել ձիու թե՛ գինն ու թե՛ պահելածախքերը, սակայն և այնպես ամբողջ գինն անմիջաբար կամ թե վերջին հաշվով դեռ էլի տրոհվում է միևնույն երեք մասին — հողառենտայի, աշխատանքի» [այսպես ասելով նա աշխատավարձն է հասկանում] «ու շահույթի։» (B. I, ch. 6, p. 42.)

Սա է բառացի այն բոլորը, որ Ա, Սմիթը բերում է յուր զարմանալի ուսմունքը հիմնավորելու համար։ Նրա ապացույցն այն է պարզապես, որ նա կրկնում է միևնույն պնդումը։ Նա ընդունում է, օրինակի համար, որ հացահատկի գինը կազմված է ոչ միայն v + m-ից, այլ և հացահատկի արտադրության մեջ գործադրված արտադրամիջոցների գնից, ուրեմն մի կապիտալարժեքից, որ ֆերմերը չի ներդրել աշխատույժի մեջ։ Բայց,— ասում է նա,— հենց այս բոլոր արտադրամիջոցների գներն էլ հացահատկի գնի նման տրոհվում են նույնպես v + m-ի. միայն թե Ա. Սմիթը մոռանում է ավելացնել, որ սրանցից զատ նրանք տրոհվում են նաև իրենց սեփական արտադրության վրա գործադրված արտադրամիջոցների գնին։ Նա մի արտադրաճյուղից հղում է մեկ ուրիշի կողմը և սրանից էլ՝ մի երրորդի կողմը։ Որ ապրանքների գինն «անմիջաբար» կամ թե «վերջին հաշվով» (ultimately) տրոհվում է v + m-ի, այս պնդումը դատարկ խուսափանք չէր լինի այն ժամանակ միայն, եթե ցույց տրվեր, թե այն ապրանքարդյունքները, որոնց գինն անմիջաբար տրոհվում է c-ի (գործադրված արտադրամիջոցների գնի) + v + m-ի վերջիվերջո համակշռվում են այն ապրանքարդյունքներով, որոնք փոխհատուցում են հիշյալ «գործադրված արտադրամիջոցները» սրանց ամբողջ ծավալով և իրենց հերթին պատրաստվում են, ընդհակառակը, փոփոխուն, այսինքն աշխատույժի վրա բանեցրած կապիտալի սոսկական ծախսումով։ Վերջին ապրանքարդյունքների գինն այս դեպքում անմիջաբար = կլիներ v + m-ի։ Ուստի առաջինների գինն էլ, c + v + m-ը, որտեղ c-ն կերպակայում է իբրև հաստատուն կապիտալամաս, վերջիվերջո կարող է տրոհվել v + m-ի։ Ա. Սմիթը հենց ինքն էլ չէր հավատում, թե այսպիսի ապացույց տված է լինում` բերելով scotch pebbles [շոտլանդական խճաքար] հավաքողների օրինակը, որոնք սակայն նրա ասածի համաձայն 1) որևէ տեսակի հավելարժեք չեն մատակարարում ամենևին, այլ միմիայն իրենց սեփական աշխատավարձն են արտադրում, 2) ոչ մի արտադրամիջոց չեն կիրառում (բայց այսպիսիք հո կիրառում են կողովների, քսակների ու այլ ամանների ձևով՝ քարիկներ կրելու համար)։

Մենք առաջ արդեն տեսել ենք, որ Ա. Սմիթն ինքը հետագայում տապալում է յուր սեփական թեորիան՝ առանց սակայն յուր հակասությունները գիտակցելու։ Բայց և այնպես սրանց աղբյուրը պետք է նրա գիտական ելակետներում որոնել։ Աշխատանքի փոխարկված կապիտալն արտադրում է յուր սեփական արժեքից ավելի մեծ մի արժեք։ Ի՞նչպես։ Նրանով,— ասում է Ա. Սմիթը,— որ բանվորներն արտադրապրոցեսի ընթացքում իրենց մշակած իրերի մեջ ներխցկում են մի արժեք, որը նրանց սեփական առքագնի համարժեքից զատ կազմում է ոչ թե բանվորներին, այլ սրանց բանեցնողներին բաժին ընկնող մի հավելարժեք (շահույթ ու ռենտա)։ Բայց այս էլ հենց այն բոլորն է, որ անում են նրանք և կարող են անել։ Ինչ որ ճիշտ է մի օրվա արդյունաբերական աշխատանքի մասին, ճիշտ է կապիտալիստների ամբողջ դասակարգի կողմից մի տարվա ընթացքում շարժման մեջ դրված աշխատանքի վերաբերմամբ էլ։ Ուստի հասարակական տարեկան արժեքային արդյունքի ամբողջ մասսան կարող է տրոհվել լոկ v + m-ի, մի համարժեքի, որով բանվորները փոխհատուցում են իրենց սեփական առքագնի վրա ծախսված կապիտալարժեքը, ու մի ավելադիր արժեքի, որ նրանք համարժեքից զատ պետք է մատակարարեն իրենց բանեցնողին։ Բայց ապրանքների այս երկու արժետարրերը միաժամանակ կազմում են հասութաղբյուրներ վերարտադրությանը մասնակցած տարբեր դասակարգերի համար. առաջինը կազմում է աշխատավարձը, բանվորների հասույթը, երկրորդը՝ հավելարժեքը, որից մի մասն արդյունաբերական կապիտալիստն իրեն է պահում շահույթի ձևով, մյուսը զիջում է իբրև ռենտա, հողագույքատիրոջ հասույթ։ Հետևաբար, որտեղից պետք է առաջ գար մի ուրիշ արժեբաղադրամաս, քանի որ տարեկան արժեքային արդյունքը ոչ մի ուրիշ տարր չի պարունակում, բացի v + m-ից։ Մենք այստեղ կանգնած ենք պարզ վերարտադրության հողի վրա։ Որովհետև տարեկան ամբողջ աշխատագումարը տրոհվում է այն աշխատանքին, որն անհրաժեշտ է աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի վերարտադրության համար, ու այն աշխատանքին, որն անհրաժեշտ է մի հավելարժեք ստեղծելու համար, հապա էլ ո՞րտեղից պիտի ընդհանրապես առաջ գար այն աշխատանքը, որը հարկավոր է ոչ աշխատույժի վրա ծախսված մի կապիտալարժեք արտադրելու համար։

Բանն այսպես է ահա.

Ա. Սմիթը մի ապրանքի արժեքը որոշում է այն աշխատանքի քանակով, որ վարձու բանվորն աշխատառարկային է միակցում (adds)։ Նա բառացի ասում է՝ «նյութեղեններին», որովհետև նա խոսում է մանուֆակտուրայի մասին, որը հենց ինքն է արդեն վերամշակում աշխատարդյունքները. բայց այս հանգամանքը չի փոխում բանի էությունը։ Այն արժեքը, որ բանվորը միակցում է մեկ իրի (և այս adds-ն Ադամի արտահայտությունն է), բոլորովին անկախ է այն պարագայից, թե արդյոք այս առարկան, որին արժեք է միակցվում, այս միակցումից առաջ ինքն արդեն արժեք ունի՞, թե՞ չունի։ Ուրեմն բանվորն ապրանքաձևով արժեքային մի արդյունք է ստեղծում. սրա մի մասն, Ա. Սմիթի ասելով, նրա աշխատավարձի համարժեքն է, և այս մասը հետևաբար որոշվում է նրա աշխատավարձի արժեծավալով. նայած սրա ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինելուն՝ բանվորը պետք է ավելի շատ աշխատանք միակցի՝ յուր աշխատավարձին հավասար մի արժեք արտադրելու կամ թե վերարտադրելու համար։ Բայց, մյուս կողմից, բանվորն այս կերպ գծված սահմանից գերազանցող ավելի աշխատանք է միակցում, որը նրան բանեցնող կապիտալիստի համար հավերարժեք է կազմում։ Արդյոք այս հավելարժեքն ամբողջովին կապիտալիստի ձեռին է մնում, թե սա հիշյալը մաս-մաս զիջելու է երրորդ անձերի,— այս հանգամանքը բացարձակապես չի ազդում վարձու բանվորի կողմից միակցված հավելարժեքի ոչ որակային (այսինքն որ նա առհասարակ հավելարժեք է), ոչ էլ քանակային (այսինքն մեծության) որոշման վրա։ Սա արժեք է արդյունքի ամեն մի այլ արժեմասի նման, բայց տարբերվում է նրանով, որ բանվորը նրա դիմաց ոչ մի համարժեք չի ստացել և հետո էլ չի ստանում. այս արժեքն, ընդհակառակը, կապիտալիստի կողմից յուրացվում է առանց համարժեքի։ Ապրանքի ամբողջ արժեքը որոշվում է աշխատանքի այն քանակով, որ բանվորը ծախսել է ապրանքի արտադրության վրա. այս ամբողջ արժեքի մի մասը նրանով է որոշվում, որ այն հավասար է աշխատավարձի արժեքին, ուրեմն համարժեք է սրա համար։ Ուստի երկրորդ մասը, հավելարժեքը, անհրաժեշտորեն որոշվում է նույն կերպ, այն է՝ հավասար է արդյունքի ամբողջ արժեքին, մինուս նրա այն արժեմասը, որն աշխատավարձի համարժեքն է. հետևաբար հավասար է ապրանքի արտադրման ժամանակ ստեղծված արժեքային արդյունքի հավելույթին՝ ապրանքում պարունակված այն արժեմասից վեր, որը հավասար է բանվորի աշխատավարձի համարժեքին։

2) Այն, որ ճիշտ է մի առանձին արդյունաբերական ձեռնարկության մեջ յուրաքանչյուր առանձին բանվորի կողմից արտադրված ապրանքի մասին, ճիշտ է միասին վերցրած բոլոր ձեռնարկաճյուղերի տարեկան արդյունքի վերաբերմամբ էլ։ Ինչ որ ուղիղ է մի անհատական արտադրողական բանվորի օրաշխատանքի մասին, ուղիղ է արտադրողական ամբողջ բանվոր դասակարգի կողմից հոսուն դարձրած տարեկան աշխատանքի վերաբերմամբ էլ։ Սա տարեկան արդյունքի մեջ «սևեռում է» (Սմիթի արտահայտությունն է) մի ընդհանուր արժեք, որը որոշվում է ծախսված տարեկան աշխատանքի քանակով, և այս ամբողջ արժեքը տրոհվում է մի մասի, որը որոշվում է տարեկան աշխատանքի այն կտորով, որով բանվոր դասակարգը յուր աշխատավարձի մի համարժեքը, իրապես հենց այս աշխատավարձն է ստեղծում, ու մի ուրիշ մասի, որը որոշվում է այն տարեկան ավելադիր աշխատանքով, որով բանվորը մի հավելարժեք է ստեղծում կապիտալիստների դասակարգի համար։ Այսպիսով ուրեմն, տարեկան արդյունքի մեջ պարունակված տարեկան արժեքային արդյունքը բաղկացած է լոկ երկու տարրից — բանվոր դասակարգի ստացած տարեվարձի համարժեքից ու տարվա մեջ կապիտալիստների դասակարգի համար մատակարարած հավելարժեքից։ Բայց տարեվարձը կազմում է բանվոր դասակարգի հասույթը, իսկ հավելարժեքի տարեգումարը՝ կապիտալիստների դասակարգի հասույթը. հետևաբար երկուսն էլ ներկայացնում են (և այս տեսակետը ճիշտ է պարզ վերարտադրությունը շարադրելիս) տարեկան սպառաֆոնդի հարաբերական բաժինները և իրանում են այս սպառաֆոնդին փոխարկվելով։ Եվ այսպիսով այլևս որևէ տեղ չի մնում հաստատուն կապիատալարժեքի համար, արտադրամիջոցների ձևով գործող կապիտալի վերարտադրության համար։ Իսկ որ ապրանքարժեքի բոլոր մասերը, որոնք իբրև հասույթ են գործում, համընկնում են հասարակական սպառաֆոնդի համար նախանշված տարեկան աշխատարդյունքի հետ, Ա. Սմիթն այս որոշակի ասում է յուր երկի ներածության մեջ. «Թե ընդհանրապես ժողովրդի հասույթն ինչից էր բաղկացած, կամ թե ինչ բնություն ուներ այն ֆոնդը, որը... նրա տարեկան սպառումն էր մատակարարում,— ահա այս բանը պարզաբանելն է այս առաջին չորս գրքի նպատակը։» (p. 12.) Եվ ներածության հենց առաջին նախադասության մեջ ասված է. «Ամեն մի ազգի տարեկան աշխատանքն այն ֆոնդն է, որը նրան հենց սկզբից օժտում է այն բոլոր կենսամիջոցներով, որ նա սպառում է տարվա ընթացքում և որոնք միշտ բաղկացած են լինում կա՛մ այս աշխատանքի անմիջական արդյունքից, կամ թե չէ՝ այս արդյունքի միջոցով ուրիշ ազգերից գնած առարկաներից։» (p. 11.)

Արդ, Ա. Սմիթի առաջին սխալն այն է, որ նա տարեկան արդյունարժեքը նույնացնում է տարեկան արժեքային արդյունքի հետ։ Վերջինս միմիայն հենց նոր անցած տարվա աշխատանքի արդյունքն է. առաջինը, հիշյալից զատ, յուր մեջ պարփակում է այն բոլոր արժետարրերը, որոնք գործադրվել են տարեկան արդյունքը պատրաստելու համար, բայց արտադրվել են նախանցյալ ու մասամբ է՛լ ավելի հին տարիների ընթացքում — արտադրամիջոցներ, որոնց արժեքը լոկ վերահայտնվում է, և որոնք, ինչ վերաբերում է նրանց արժեքին, ոչ արտադրվել ու ոչ էլ վերարտադրվել են վերջին տարում ծախսված աշխատանքի միջոցով։ Այս շփոթմամբ Ա. Սմիթը դեն է շպրտում տարեկան արդյունքի հաստատուն արժեմասը։ Շփոթումն ինքը խարսխվում է նրա հիմնական ըմբռնման մի ուրիշ մոլորության վրա. նա չի տարբերում հենց բուն իսկ աշխատանքի երկտրոհված բնույթը — աշխատանքը, որ չափով որ սա իբրև աշխատույժի ծախսումն արժեք է ստեղծում, այլև որ չափով որ իբրև կոնկրետ, օգտակար աշխատանք սպառման առարկաներ (սպառարժեք) է ստեղծում։ Տարվա ընթացքում պատրաստված ապրանքների ամբողջ գումարը, հետևաբար տարեկան ամբողջ արդյունքը վերջին տարում գործող օգտակար աշխատանքի արդյունք է. բոլոր այս ապրանքները գոյություն ունեն լոկ այն հանգամանքի շնորհիվ, որ հանրորեն կիրառված աշխատանքը ծախսվել է աշխատանքի օգտակար տեսակների շատ ճյուղավորված մի սիստեմով. միմիայն այս հանգամանքի շնորհիվ է, որ նրանց արտադրության վրա գործադրված արտադրամիջոցների արժեքը պահպանվում է նրանց ընդհանուր արժեքի մեջ, վերահայտնվում է նոր բնաձևով։ Այսպիսով ուրեմն, տարեկան ամբողջ արդյունքը տարվա մեջ ծախսված օգտակար աշխատանքի հետևանքն է. բայց տարեկան արդյունարժեքից լոկ մի մասն է տարվա ընթացքում ստեղծվել. այս մասը տարեկան արժեքային արդյունքն է, որում ներկայանում է հենց տվյալ տարում հոսուն դարձրած աշխատանքի գումարը։

Հետևաբար, երբ Ա. Սմիթը հենց նոր մեջբերած հատվածում ասում է՝ «Ամեն մի ազգի տարեկան աշխատանքն այն ֆոնդն է, որը նրան հենց սկզբից օժտում է այն բոլոր կենսամիջոցներով, որ նա սպառում է տարվա ընթացքում և այլն, ապա նա միակողմանիորեն կանգնում է սոսկ այն օգտակար աշխատանքի տեսակետի վրա, որն անշուշտ այս բոլոր կենսամիջոցները բերել, հասցրել է իրենց սպառելի ձևին։ Բայց նա մոռանում է ընդսմին, որ այս բանն անհնարին կլիներ առանց նախորդ տարիներից ժառանգված աշխատամիջոցների ու աշխատառարկաների օժանդակության և որ ուրեմն, «տարեկան աշխատանքը», որչափով որ սա արժեք էր գոյացնում, յուր պատրաստած արդյունքի ամբողջ արժեքն ստեղծած չի լինում ամենևին, որ հետևաբար արժեքային արդյունքը փոքր է արդյունարժեքից։

Եթե Ա. Սմիթին չի կարելի հանդիմանել, որ այս վերլուծության մեջ նա լոկ մինչև այն սահմանն է գնացել, մինչև ուր գնացել են նրա բոլոր հետևորդները (թեև ճիշտ լուծմանը հասնելու ճիգ արդեն ֆիզիոկրատների մոտ էլ ենք գտնում), բայց և այնպես նա այնուհետև, ընդհակառակը, մոլորվում է մի քաոսի մեջ և ընդսմին գլխավորապես հենց այն պատճառով, որ ապրանքարժեքի նրա «էզոտերիկ» ըմբռնումն ընդհանրապես շարունակ խաչաձևվում է էքսոտերիկ ըմբռնման հետ, որը դեպքերի մեծամասնության ժամանակ գերակշռում է Ա. Սմիթի մոտ, այնինչ սրա գիտական բնազդը ժամանակ առ ժամանակ դարձյալ հանդես է բերում էզոտերիկ տեսակետը։

4) Կապիտալն ու հասույթն ըստ Ա. Սմիթի

Ամեն մի ապրանքի (հետևաբար նաև տարեկան արդյունքի) այն արժեմասը, որ աշխատավարձի լոկ մի համարժեքն է կազմում, հավասար է կապիտալիստի կողմից աշխատավարձի համար կանխավճարված կապիտալին, այսինքն հավասար է նրա կանխավճարած ամբողջ կապիտալի փոփոխուն բաղադրամասին։ Կապիտալիստը կանխավճարած կապիտալարժեքի այս բաղադրամասը դարձյալ հետ է ստանում վարձու բանվորների կողմից մատակարարված ապրանքի նոր արտադրված մեկ արժեբաղադրամասի միջոցով։ Արդյոք փոփոխուն կապիտալը կանխավճարվում է այն իմաստով, որ կապիտալիստը փողով վճարում է բանվորին բաժին ընկնող մասը մի այնպիսի՞ արդյունքի, որը դեռ պատրաստ չի ծախվելու համար, ու կամ թեև պատրաստ է, բայց կապիտալիստը չի ծախել, կամ թե չէ՝ արդյոք նա նրան վճարում է ա՞յն փողով, որ արդեն ստացել է բանվորի մատակարարած ապրանքը ծախելով, թե՞ այս փողը կանխակայել է վարկով,— այս բոլոր դեպքերում կապիտալիստը փոփոխուն կապիտալ է ծախսում, որն իբրև փող հոսում է դեպի բանվորները, իսկ մյուս կողմից՝ նա այս կապիտալարժեքի համարժեքին տիրանում է յուր ապրանքների այն արժեմասով, որով բանվորը նույն այս ապրանքների ամբողջ արժեքի՝ հենց կապիտալիստին հասնող բաժինը նոր է արտադրել և որով նա, ուրիշ խոսքով ասած, յուր սեփական աշխատավարձի արժեքն է արտադրել։ Այս արժեմասը բանվորին յուր սեփական արդյունքի բնաձևով տալու փոխարեն կապիտալիստը նույնը նրան փողով է վճարում։ Այսպիսով ուրեմն, կապիտալիստի համար յուր կանխավճարած կապիտալարժեքի փոփոխուն բաղադրամասը հիմա գոյություն ունի ապրանքաձևով, այնինչ բանվորը յուր ծախած աղխատույժի դիմաց համարժեքը դրամաձևով է ստացել։

Հետևաբար, մինչդեռ կապիտալիստի կանխավճարած կապիտալի այն մասը, որն աշխատույժ գնելու հետևանքով փոփոխուն կապիտալի է վերածվել, բուն իսկ արտադրապրոցեսում գործում է իբրև բանող աշխատույժ, և այս ույժը ծախսվելով նորից արտադրվում է իբրև ապրանքաձևով նոր արժեք — ուրեմն, կանխավճարած կապիտալարժեքի վերարտադրություն, այսինքն նույնի նոր արտադրություն — բանվորը յուր ծախած աշխատույժի արժեքը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] գինը ծախսում է կենսամիջոցների վրա, յուր աշխատույժի վերարտադրության միջոցների վրա։ Փոփոխուն կապիտալին հավասար մի դրամագումար կազմում է նրա եկամուտը, ուրեմն նրա հասույթը, որը հարատևում է այնքան ժամանակ միայն, քանի դեռ նա կարող է յուր աշխատույժը կապիտալիստին ծախել։

Վարձու բանվորի ապրանքը — նրա հենց աշխատույժը — որպես ապրանք գործում է լոկ այն չափով, որչափով որ նա միակցվում է կապիտալիստի կապիտալին, գործում է իբրև կապիտալ. մյուս կողմից՝ կապիտալիստի այն կապիտալը, որ ինչպես դրամակապիտալ ծախսվել է աշխատույժ գնելու վրա, աշխատույժը ծախողի, վարձու բանվորի ձեռին գործում է որպես հասույթ։

Այստեղ խառնահյուսվում են շրջանառության ու արտադրության տարբեր-տարբեր պրոցեսներ, որ Ա. Սմիթն իրարից չի ջոկում։

Առաջին։ Շրջանառության պրոցեսին պատկանող գործողություններ.— բանվորը յուր ապրանքը — աշխատույժը — ծախում է կապիտալիստին. այն փողը, որով կապիտալը գնում է հիշյալը, աըժեմեծացման նպատակով ներդրված փող, ուրեմն դրամակապիտալ է նրա համար. այս դրամակապիտալը ոչ թե ծախսվել, այլ կանխավճարվել է։ («կանխավճարման» — ֆիզիոկրատների avance-ի — իսկական իմաստն այս է՝ բոլորովին անկախ այն հանգամանքից, թե կապիտալիստն ինքը որտեղից է փող ճարում։ Կապիտալիստի աչքում կանխվճարված է ամեն մի արժեք, որ նա վճարում է արտադրապրոցեսի նպատակի համար, ուզում է այս կատարվի առաջ, թե post festum, [իրողությունից հետո, հետագայում] միևնույն է. հիշյալ արժեքը բուն իսկ արտադրապրոցեսին է կանխավճարված։) Այստեղ պատահում է լոկ այն, ինչ որ պատահում է ամեն մի ապրանքավաճառքի ժամանակ. վաճառորդը տալիս է մի սպառարժեք (այստեղ՝ աշխատույժը) և ստանում է սրա արժեքը (իրացնում է սրա գինը) փողով. գնորդը տալիս է յուր փողը և սրա դիմաց ստանում է հենց ապրանքը — այստեղ՝ աշխատույժը։

Երկրորդ. գնված աշխատույժն արտադրապրոցեսում հիմա կազմվում է գործող կապիտալի մի մասը, և բանվորն ինքն այստեղ գործում է լոկ իբրև այս կապիտալի մի առանձին բնաձև՝ տարբերվելով կապիտալի այն տարրերից, որոնք գոյություն են ունենում արտադրամիջոցների բնաձևով։ Պրոցեսի ընթացքում յուր աշխատույժը ծախսելով՝ բանվորն արդյունքի փոխարկվող արտադրամիջոցներին յուր կողմից միակցում է մի արժեք, որը հավասար է լինում յուր աշխատույժի արժեքին (մի կողմ թողնելով հավելարժեքը). հետևաբար բանվորն ապրանքաձևով վերարտադրում է կապիտալիստի համար սրա կապիտալի այն մասը, որ սա իբրև աշխատավարձ կանխավճարել է բանվորին կամ թե կանխավճարելու է. բանվորը կապիտալիստի համար արտադրում է սրա կապիտալի մի համարժեքը. ուրեմն նա կապիտալիստի համար արտադրում է այն կապիտալը, որը սա կարող է «կանխավճարել» նորից աշխատույժ գնելու համար։

Երրորդ. ապրանքը ծախելու ժամանակ ուրեմն նրա վաճառագնի մի մասը կապիտալիստին փոխհատուցում է սրա կանխավճարած փոփոխուն կապիտալը, հետևաբար հնարավորություն է տալիս ինչպես կապիտալիստին, որ սա նորից աշխատույժ գնի, այնպես էլ բանվորին, որ սա նորից աշխատույժ ծախի։

Ամեն ապրանքագնման ու ապրանքավաճառքի ժամանակ — որչափով որ լոկ հենց այս գործարքներն են քննարկվում — բոլորովին նշանակություն չունի, թե վաճառորդի ձեռին ի՛նչ է դառնում յուր ապրանքի դիմաց ստացած փողը, և գնորդի ձեռին ի՛նչ է դառնում յուր առած սպառման առարկան։ Հետևաբար, որչափով որ սոսկ շրջանառության պրոցեսն է ուշադրության առնվում, նույնպես միանգամայն նշանակություն չունի այն, որ կապիտալիստի գնած աշխատույժը նրա համար կապիտալարժեք է վերարտադրում, և մյուս կողմից այն, որ իբրև աշխատույժի առքագին մնացած փողը բանվորի համար հասույթ է կազմում։ Բանվորի առուծախի առարկայի — նրա աշխատույժի — արժեմեծությունը չի փոփոխվում ոչ նրանից, որ նա «հասույթ» է կազմում բանվորի համար, ու ոչ էլ նրանից, որ նրա առուծախի առարկայի՝ գնորդի կողմից գործադրվելն այս գնորդի համար կապիտալարժեք է վերարտադրում։

Որովհետև աշխատույժի արժեքը — այսինքն՝ այս ապրանքի համանպատասխան վաճառագինը — որոշվում է նրա վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաքանակով, իսկ այս աշխատաքանակն ինքն այստեղ որոշվում է այն աշխատաքանակով, որը պահանջվում է բանվորի անհրաժեշտ կենսամիջոցներն արտադրելու համար, ուրեմն բանվորի կյանքը պահպանելու համար, ուստի աշխատավարձը դառնում է այն հասույթը, որով պետք է բանվորն ապրի։

Ամբողջովին սխալ է, երբ Ա. Սմիթն ասում է (p. 223). «Կապիտալի այն մասը, որը ներդրվում է արտադրողական աշխատանքին ապրուստ տալու համար... այն բանից հետո, երբ հիշյալ մասը նրան [կապիտալիստին] ծառայել է մի կապիտալի գործունեության ժամանակ... մեկ հասույթ է կազմում նրանց համար» [բանվորների համար]։ Այն փողը, որով կապիտալիստը վճարահատուցում է յուր գնած աշխատույժը, «նրան ծառայում է մի կապիտալի գործունեության ժամանակ», որչափով որ կապիտալիստը նրանով աշխատույժը միակցում է յուր կապիտալի իրեղեն բաղադրամասերին և միմիայն սրանով է հենց հնարավոր դարձնում ընդհանրապես, որ յուր կապիտալը գործի իբրև արտադրողական կապիտալ։ Մենք տարբերում ենք հետևյալը. աշխատույժն ապրանք է բանվորի ձեռին ու ոչ թե կապիտալ, և նա բանվորի համար մի հասույթ է կազմում, որչափով որ նրա վաճառքը միշտ կարող է կրկնվել, նա ծախվելուց հետո է որպես կապիտալ գործում կապիտալիստի ձեռին, բուն արտադրապրոցեսի ժամանակ։ Այստեղ աշխատույժը երկակի ծառայություն է մատուցում.— մեկ՝ իբրև յուր արժեքի համաձայն ծախվող ապրանք բանվորի ձեռքում, ու մեկ էլ որպես արժեք արտադրող ու սպառարժեք արտադրող ույժ այն կապիտալիստի ձեռին, որը գնել է աշխատույժը։ Բայց այն փողը, որ բանվորն ստանում է կապիտալիստից, ստանում է այն բանից հետո միայն, երբ նա սրան հանձնել է յուր աշխատույժի գործադրությունը, այն բանից հետո, երբ աշխատույժն արդեն իրացել է աշխատարդյունքի արժեքի մեջ։ Այս արժեքը կապիտալիստի ձեռին է լինում՝ նախքան այս արժեքի վճարը հատուցելը, հետևաբար փողը չի, որ երկու անգամ է գործում, նախ իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև, հետո էլ որպես աշխատավարձ։ Այլ աշխատույժն է, որ գործել է երկու անգամ, նախ իբրև ապրանք՝ աշխատույժը ծախելու ժամանակ (վճարելի աշխատավարձը սահմանելիս փողը գործում է սոսկ իբրև իդեական արժեչափ, ընդ որում դեռ ամենևին անհրաժեշտ չի, որ փողը կապիտալիստի ձեռին առկա լինի), երկրորդ՝ արտադրապրոցեսում, որտեղ նա գործում է որպես կապիտալ, այսինքն իբրև սպառարժեք ու արժեք ստեղծող տարր կապիտալիստի ձեռին։ Աշխատույժն արդեն ապրանքաձևով մատակարարած է լինում բանվորին վճարելի համարժեքը՝ նախքան կապիտալիստի՝ բանվորին դրամաձևով վճարելը։ Այսպիսով ուրեմն, բանվորն ինքն է ստեղծում այն վճարաֆոնդը, որից որ կապիտալիստը վճարում է նրան։ Բայց այս դեռ բոլորը չի։

Այն փողը, որ ստանում է բանվորը, սա ծախսում է յուր աշխատույժը պահպանելու համար, ուրեմն — եթե քննենք կապիտալիստների դասակարգն ու բանվոր դասակարգն իրենց ամբողջությամբ — ծախսում է կապիտալիստի համար այն գործիքը պահպանելու նպատակով, որով միայն նա կարող է կապիտալիստ մնալ։

Այսպիսով ուրեմն աշխատույժի մշտական առուծախը հավերժացնում է մի կողմից աշխատույժն իբրև կապիտալի տարր, որով կապիտալը հանդես է գալիս որպես մի արժեք ունեցող ապրանքների, սպառման առարկաների ստեղծիչ, այլ և որով այն կապիտալամասը, որ աշխատույժի գնողն է, միշտ էլի վերականգնվում է սրա սեփական արդյունքի միջոցով, հետևաբար բանվորը հենց ինքն է միշտ ստեղծում այն կապիտալաֆոնդը, որից նրա վարձն է վճարվում։ Մյուս կողմից՝ աշխատույժի մշտական վաճառքը դառնում է բանվորի մշտապես նորոգվող ապրուստ աղբյուր, և ուրեմն նրա աշխատույժը ներկայանում է իբրև այն կարողությունը, որով նա յուր ապրելու հասույթն է կորզում։ Հասույթ ասելով այստեղ ուրիշ ոչինչ չի հասկացվում, բայց եթե արժեքների այն յուրացումը, որ իրականանում է մի ապրանքի (աշխատույժի) մշտապես կրկնվող վաճառքի միջոցով, ընդվորում հենց հիշյալ արժեքները ծառայում են վաճառելի ապրանքի մշտական վերարտադրությանը միայն։ Եվ այս իմաստով Ա. Սմիթն իրավացի է, երբ ասում է, թե բուն իսկ բանվորի ստեղծած արդյունքի այն արժեմասը, որի դիմաց կապիտալիստը մի համարժեք է վճարում բանվորին աշխատավարձի ձևով, հասույթի աղբյուր է դառնում բանվորի համար։ Բայց սա ապրանքի այս արժեմասի բնության ու մեծության վրա չի ազդում ճիշտ այնպես, ինչպես որ արտադրամիջոցների արժեքի վրա չի ազդում այն հանգամանքը, որ սրանք գործում են իբրև կապիտալարժեքներ, կամ թե ինչպես մի ուղիղ գծի բնության ու մեծության վրա չի ներգործում այն, որ նա գործում է իբրև եռանկյունու հիմք կամ թե մի ձվածիրի տրամագիծ։ Աշխատույժի արժեքը ճիշտ նույնպես անկախորեն որոշված է մնում, ինչպես արտադրամիջոցների արժեքը։ Ապրանքի այս արժեմասը ոչ կազմված է հասույթից իբրև սրա բաղադրիչ ինքնակա գործոններից մեկից, ոչ էլ այս արժեմասը տրոհվում է հասույթի։ Որովհետև չնայած որ բանվորի կողմից մշտապես վերարտադրվող այս նոր արժեքը հասույթի աղբյուր է կազմում նրա համար, սակայն նրա հասույթն, ընդհակառակը, նրա արտադրած նոր արժեքի մեկ բաղադրամասը չի կազմում։ Բանվորի ստեղծած նոր արժեքի այն բաժնի մեծությունը, որ նրան է վճարվում, որոշվում է նրա հասույթի արժեծավալով, և ոչ թե ընդհակառակը։ Որ նոր արժեքի այս մասը նրա համար հասույթ է կազմում, ցույց է տալիս լոկ, թե ի՛նչ է դառնում այն մասը, ցույց է տալիս նրա կիրառման բնույթը և հիշյալ մասի գոյանալու հետ ոչ մի գործ չունի այնպես, ինչպես ամեն մի այլ արժեգոյացման հետ։ Եթե ես յուրաքանչյուր շաբաթ տասը թալեր եմ ստանում, ապա այս շաբաթական եկամուտն ստանալու պարագան ոչ տասը թալերի արժեբնությունն է փոխում ամենևին, ոչ էլ նրա արժեմեծությունը։ Ինչպես ամեն մի այլ ապրանքի, այնպես էլ աշխատույժի դեպքում նրա արժեքը որոշվում է նրա վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաքանակով. որ այս աշխատաքանակը որոշվում է բանվորի անհրաժեշտ կենսամիջոցների արժեքով, ուրեմն հավասար է հենց նրա կենսապայմանների վերարտադրության համար անհրաժեշտ աշխատանքին,— այս պարագան բնորոշ է այս ապրանքի (աշխատույժի) համար, բայց ավելի բնորոշ չի, քան այն, որ բարձկան անասունի արժեքը որոշվում է նրա պահպանման համար անհրաժեշտ կենսամիջոցների արժեքով, ուրեմն մարդկային աշխատանքի այն քանակով, որ հարկավոր է հիշյալ կենսամիջոցներն արտադրելու համար։

Բայց «հասույթ» կատեգորիան է հենց, որ Ա. Սմիթին այստեղ հասցնում է այս ամբողջ ձախողանքին։ Հասույթների տարբեր տեսակներն ըստ Ա. Սմիթի կազմում են տարվա մեջ արտադրված, նոր ստեղծված ապրանքարժեքի «components parts», բաղադրամասերը, այնինչ, ընդհակառակը, այն երկու մասը, որոնց որ տրոհվում է այս ապրանքարժեքը կապիտալիստի համար — աշխատանքի գնման ժամանակ դրամաձևով կանխավճարված փոփոխուն կապիտալի համարժեքն ու մյուս արժեմասը, որ էլի կապիտալիստին է պատկանում, բայց նրա վրա ոչինչ նստած չի լինում, հավելարժեքը — կազմում են հասութաղբյուրներ։ Փոփոխուն կապիտալի համարժեքը նորից աշխատույժի համար է կանխավճարվում և այսչափով էլ բանվորի համար մի հասույթ է կազմում նրա աշխատավարձի ձևով. մյուս մասը — հավելարժեքը — որովհետև սա ոչ մի կապիտալական խավճարում չի փոխհատուցելու կապիտալիստին, կարող է սրա կողմից ծախսվել (անհրաժեշտ ու պերճանքի) սպառամիջոցների վրա, կարող է սպառվել իբրև հասույթ՝ փոխանակ մի որևէ տեսակի կապիտալարժեք կազմելու։ Այս հասույթի նախադրյալը հենց ապրանքարժեքն ինքն է, և նրա բաղադրամասերը կապիտալիստի համար տարբերվում են այն չափով միայն, որչափով որ նրանք կապիտալիստի կանխավճարած փոփոխուն կապիտալարժեքի կամ համարժեքն են կազմում, կամ էլ նրան գերազանցող հավելույթ։ Երկուսն էլ ուրիշ ոչնչից չեն կազմված, բայց եթե այն աշխատույժից, որը ծախսվել է ապրանքարտադրության ժամանակ, հոսունացվելով աշխատանքի է վերածվել։ Նրանք կազմված են ոչ թե եկամուտից կամ հասույթից, այլ ծախսումից — աշխատածախսումից։

Այս quid pro quo-ից [փոխսարկում, շփոթում] հետո, որտեղ հասույթն է ապրանքարժեքի աղբյուր դառնում, փոխանակ որ ապրանքարժեքը հասույթի աղբյուր դառնա, հիմա ապրանքարժեքը ներկայանում է իբրև տարբեր տեսակների հասույթներից «բաղկացած». սրանք որոշվում են միմյանցից անկախ, և այս հասույթների արժեծավալի գումարմամբ է որոշվում ապրանքի ամբողջ արժեքը։ Բայց հարց է առաջ գալիս այժմ, թե ի՛նչպես է որոշվում այս հասույթներից յուրաքանչյուրի արժեքը, որոնցից պետք է առաջանա ապրանքարժեքը։ Աշխատավարձի դեպքում այս լինում է այն պարզ պատճառով, որ աշխատավարձը նրա ապրանքի, աշխատույժի արժեքն է, և սա (ինչպես և այլ ապրանքներից յուրաքանչյուրը) կարող է որոշվել այս ապրանքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատանքով։ Իսկ հավելարժեքը, կամ ըստ Ա. Սմիթի, ավելի շուտ, նրա երկու ձևը, շահույթն ու հողառենտան ի՞նչպես կարող են որոշվել։ Այստեղ դատարկ բարբաջանքն է մնում ելքը։ Ա. Սմիթն աշխատավարձն ու հավելարժեքը (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] աշխատավարձն ու շահույթը) մերթ ներկայացնում է իբրև այնպիսի բաղադրամասեր, որոնցից կազմված է ապրանքարժեքը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] գինը, մերթ էլ — ու հաճախ գրեթե հենց միևնույն ակնթարթում — ներկայացնում է որպես այնպիսի մասեր, որոնց տրոհվում է (resolves itself) ապրանքագինը. իսկ այս նշանակում է, ընդհակառակը, որ ապրանքարժեքն է նախապես տրվածը, և որ այս տրված արժեքի տարբեր մասերը տարբեր հասույթների ձևով բաժին են ընկնում արտադրապրոցեսին մասնակցած տարբեր անձերի։ Այս ամենևին նույնը չի, ինչ որ է այս երեք «բաղադրամասից» արժեք կազմելը։ Եթե ես երեք տարբեր ուղիղ գծի մեծությունն ինքնակայորեն որոշեմ և հետո այս երեք գծից իբրև «բաղադրամասերից» կազմեմ մի չորրորդ ուղիղ գիծ, որը հավասար է նրանց գումարի մեծությանը, ապա ամենևին նույն այս գործողությունը չի լինի, եթե ես մյուս կողմից մի տվյալ ուղիղ գիծ ունենամ իմ առջև և այս գիծը որևէ նկատառումով բաժանեմ, այսպես ասած՝ «տրոհեմ» երեք տարբեր մասի։ Առաջին դեպքում գծի մեծությունն ամբողջովին փոխվում է այն երեք գծի հետ, որոնց գումարն է նա կազմում. վերջին, երկրորդ դեպքում երեք գծամասի մեծությունը հենց այն գլխից սահմանափակված է նրանով, որ նրանք տվյալ մեծությունն ունեցող մի գծի մասերն են կազմում։

Բայց իրապես, որչափով որ մենք կանգնում ենք Ա. Սմիթի պատկերացման մեջ եղած այն ճիշտ դրույթի վրա, թե հասարակության տարեկան ապրանքարդյունքի (ինչպես և ամեն մի առանձին ապրանքի կամ թև ինչպես օրարդյունքի, շաբաթարդյունքի և այլոց) մեջ պարունակվող, տարեկան աշխատանքի միջոցով նոր ստեղծված արժեքը հավասար է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին (ուրեմն դարձյալ աշխատույժ գնելու համար նախանշված արժեմասին), պլյուս այն հավելարժեքին, որ կապիտալիստը — պարզ վերարտադրության ժամանակ ու այլ անփոփոխ պարագաներում — կարող է իրացնել՝ յուր անհատական սպառման միջոցներին փոխարկելով, այնուհետև եթե մտաբերում ենք, որ Ա. Սմիթը շփոթում է այն աշխատանքը, որչափով որ սա արժեք է ստեղծում, աշխատույժի ծախսումն է, ու այն աշխատանքը, որչափով որ սա սպառարժեք է ստեղծում, այսինքն օգտակար, նպատակահարմար ձևով է ծախսվում, ապա ամբողջ պատկերացույցը հանգում է հետևյալին. ամեն մի ապրանքի արժեքն աշխատանքի արդյունք է. հետևաբար այսպիսին է տարեկան աշխատանքի արդյունքի արժեքը կամ հասարակական տարեկան ապրանքարդյունքի արժեքն էլ։ Բայց որովհետև ամեն աշխատանք տրոհվում է 1) անհրաժեշտ աշխատաժամանակի, որի ընթացքում բանվորը սոսկ մի համարժեք է վերարտադրում յուր աշխատույժի գնման համար կանխավճարված կապիտալի դիմաց, ու 2) հավելաշխատանքի, որով նա կապիտալիստի համար այնպիսի արժեք է մատակարարում, որի դիմաց սա ոչ մի համարժեք չի վճարում, հետևաբար հիշյալը հավելարժեք է,— ուստի ամեն ապրանքարժեք կարող է տրոհվել այս երկու տարբեր բաղադրամասերին միայն և այսպիսով ուրեմն վերջիվերջո իբրև աշխատավարձ կազմում է բանվորի հասույթն ու որպես հավելարժեքի կապիտալիստների դասակարգինը։ Իսկ ինչ վերաբերում է հաստատուն կապիտալարժեքին, այսինքն տարեկան արդյունքի արտադրության վրա գործադրված արտադրամիջոցների արժեքին, ապա թեև չի կարելի ասել (չհաշված այն ֆրազը, թե կապիտալիստը յուր ապրանքը ծախելիս հիշյալ արժեքը գնորդի վրա է հաշվում), թե այս արժեքն ինչպես է մտնում նոր արդյունքի արժեքի մեջ, սակայն և այնպես վերջին հաշվով — ultimately — այս արժեմասը, որովհետև հենց արտադրամիջոցներն էլ աշխատանքի արդյունք են, կարող է ինքն էլ նմանապես կազմված լինել փոփոխուն կապիտալի համարժեքից ու հավելարժեքից միայն — անհրաժեշտ աշխատանքի ու հավելաշխատանքի արդյունքից։ Եթե այս արտադրամիջոցների արժեքները նրանց կիրառողի ձեռին իբրև կապիտալարժեքներ են գործում, ապա այս չի արգելում, որ նրանք «սկզբնապես», ու եթե մինչև հիմքը գնանք, մի ուրիշ ձեռքում — թեկուզ է՛լ ավելի առաջ— տրոհելի լինեին միևնույն երկու արժեքին, հետևաբար երկու տարբեր հասութաղբյուրի։

Սրանց մեջ մի ճիշտ կետն այն է, որ հասարակական կապիտալի, այսինքն անհատական կապիտալների ամբողջության մեջ բանն ուրիշ կերպ է պատկերանում, քան սա ներկայանում է ամեն մի անհատական կապիտալի համար առանձին քննած, ուրեմն յուրաքանչյուր առանձին կապիտալիստի տեսակետից։ Վերջինիս համար ապրանքարժեքը տրոհվում է 1) մի հաստատուն տարրի (չորրորդ տարրի, ինչպես Սմիթն է ասում) ու 2) աշխատավարձի ու հավելարժեքի գումարին, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] աշխատավարձի, շահույթի ու հողառենտայի։ Իսկ հասարակական տեսակետից, ընդհակառակը, չքանում է Սմիթի չորրորդ տարրը, հաստատուն կապիտալարժեքը։

5) Ամփոփում

Այն ծանծաղամիտ բանաձևը, թե երեք հասույթը — աշխատավարձը, շահույթը, ռենտան կազմում են ապրանքարժեքի երեք «բաղադրամասը», Ա. Սմիթի մոտ ծագում է այն ճշմարտանման բանաձևից, թե ապրանքարժեքը resolves itself, տրոհվում է այս երեք բաղադրամասին։ Այս էլ սխալ է, եթե նույնիսկ ենթադրվում է, թե ապրանքարժեքը կարող է բաժանվել գործադրված աշխատույժի համարժեքին ու աշխատույժի ստեղծած հավելարժեքին միայն։ Բայց այստեղ մոլորությունն էլի խարսխվում է մի ավելի խոր և ճշմարիտ հիմքի վրա։ Կապիտալիստական արտադրությունը հիմնվում է այն բանի վրա, որ արտադրողական բանվորը յուր սեփական աշխատույժն իբրև յուր ապրանք ծախում է կապիտալիստին, որի ձեռին հիշյալը հետո ծառայում է սոսկ որպես յուր արտադրողական կապիտալի մի տարր։ Շրջանառությանը պատկանող այս գործարքը — աշխատույժի վաճառքն ու առքը — արտադրապրոցեսի ոչ միայն ներածությունն է կազմում, այյև implicite [ներառված, նրանով արդեն] որոշում է նրա մասնահատուկ բնույթը։ Մի սպառարժեքի ու նույնիսկ մեկ ապրանքի արտադրությունը (որովհետև սա կարող է անկախ արտադրողական գործավորների կողմից էլ կատարվել) կապիտալիստի համար այստեղ բացարձակ ու հարաբերական հավելարժեք արտադրելու միջոց է միայն։ Ուստի արտադրապրոցեսի վերլուծության ժամանակ մենք տեսել ենք, թե ինչպես բացարձակ ու հարաբերական հավելարժեքի արտադրությունը նախորոշում է 1) օրական աշխատապրոցեսի տևողությունը, 2) կապիտալիստական արտադրապրոցեսի հասարակական ու տեխնիկական ամբողջ կերպարանավորումը։ Հենց այս արտադրապրոցեսի մեջ է իրականանում այն տարբերացումը, որ կա արժեքի (հաստատուն կապիտալարժեքի) սոսկական պահպանման, կանխավճարված արժեքի (աշխատույժի համարժեքի) իրական վերարտադրության ու հավելարժեքի, այսինքն այն արժեքի արտադրության միջև, որի դիմաց կապիտալիստը ոչ մի համարժեք չի կանխավճարել ոչ առաջ, ոչ էլ post festum [իրողությունից հետո, հետագայում] է կանխավճարում։

Թեև հավելարժեքի յուրացման համար — մի արժեքի, որը կապիտալիստի կանխավճարած արժեքի համարժեքից գերազանցող հավելույթ է ներկայացնում — ներածական ակտ է աշխատույժի առուծախը, սակայն հիշյալ յուրացումը բուն իսկ արտադրապրոցեսում կատարվող մեկ ակտ է և նրա մի էական մոմենտն է կազմում։

Ներածական ակտն ինքը, որը կազմում է շրջանառության մի գործողություն – աշխատույժի առուծախը — յուր հերթին հիմնվում է հասարակական արդյունքների բաշխմանը նախորդող և սրա նախադրյալ հանդիսացող արտադրատարրերի բաշխման վրա, այն է՝ աշխատույժի որպես բանվորի ապրանքի՝ արտադրամիջոցներից իբրև ոչ-բանվորների սեփականությունից անջատվելու վրա։

Բայց միևնույն ժամանակ հավելարժեքի այս յուրացումը կամ արժեքի արտադրության այս տրոհումը կանխավճարված արժեքի վերարտադրության ու ոչ մի համարժեք չփոխհատուցող նոր արժեքի (հավելարժեքի) արտադրության՝ ամենևին չի փոխում բուն իսկ արժեքի սուբստանցն ու արժեքի արտադրության բնությունը։ Արժեքի սուբստանցն է՛ և մնում է ոչ այլ ինչ, քան ծախսված աշխատույժը, այսինքն աշխատանք, անկախ այս աշխատանքի առանձնահատուկ օգտակար բնույթից — իսկ արժեքի արտադրությունն ուրիշ բան չի, բայց եթե այս ծախսման պրոցեսը։ Այսպես, ճորտը վեց օրում աշխատույժ է ծախսում, վեց օր աշխատում է, և ծախսելու այս իրողության, որպես այսպիսու, համար ոչ մի նշանակություն չունի, որ նա, օրինակ, այս աշխատօրերից երեքում աշխատում է յուր համար յուր սեփական արտում, իսկ մյուս երեքում՝ յուր կալվածատիրոջ համար՝ սրա արտում։ Նրա ազատակամ աշխատանքը, որ կատարում է յուր համար, ու բռնաշխատանքը, որ անում է յուր տիրոջ համար, միապես աշխատանք են. որչափով որ սա քննության է առնվում իբրև աշխատանք յուր ստեղծած արժեքների կամ թե օգտակար արդյունքների առնչությամբ, ոչ մի տարբերություն չկա ճորտի վեցօրյա աշխատանքի մեջ։ Տարբերությունը վերաբերում է այն տարբեր համամասնություններին միայն, որոնցով կենսագործվում է նրա աշխատույժի ծախսումը վեցօրյա աշխատաժամանակի առաջին ու երկրորդ կեսերում։ Հենց այսպես է բանը վարձու բանվորի էլ անհրաժեշտ աշխատանքի ու հավելաշխատանքի վերաբերմամբ։

Արտադրապրոցեսի հետքը մարում է ապրանքի մեջ։ Որ սրա պատրաստման վրա աշխատույժ է ծախսվել, այս իրողությունը հիմա հանդես է գալիս իբրև ապրանքի իրեղեն այնպիսի յուրահատկություն, որ նա արժեք ունի. այս արժեքի մեծությունը չափվում է ծախսված աշխատանքի մեծությամբ. ապրանքարժեքն ուրիշ ոչ մի բանի տարալուծվում և ուրիշ ոչնչից չի կազմված։ Եթե ես որոշ մեծություն ունեցող մի ուղիղ գիծ եմ գծել, ապա ես գծագրելու մի այնպիսի եղանակով, որը կատարվում է ինձանից անկախ կանոնների (օրենքների) համաձայն, ամենից առաջ «արտադրել եմ» մի ուղիղ գիծ (ճիշտ է, լոկ սիմվոլիկ կերպով, մի բան, որ ես առաջուց գիտեմ)։ Եթե ես այս գիծը բաժանեմ երեք հատվածի (որոնք էլի կարող են մի որոշ առեղծվածի համապատասխանել) ապա այս երեք կտորից յուրաքանչյուրն առաջվա պես մնում է ուղիղ գիծ, և ամբողջ գիծը, որի մասերն են նրանք, այս բաժանման հետևանքով չի վերածվում ուղիղ գծից տարբերվող մի բանի, օրինակ, որևէ տեսակի մի կոր գծի։ Ճիշտ նույնպես էլ ես չեմ կարող տվյալ մեծության գիծն այնպես բաժանել, որ այս մասերի գումարն ավելի մեծ լինի, քան չբաժանված գիծն ինքն է. ուրեմն չբաժանված գծի մեծությունն էլ չի որոշվում մաս կազմող գծերի քմահաճորեն որոշված մեծություններով։ Ընդհակառակը, վերջիններիս հարաբերական մեծությունները հենց այն գլխից սահմանափակված են այն գծի սահմաններով, որի մասերն են նրանք։

Կապիտալիստի արտադրած ապրանքն այս կողմից ոչնչով չի տարբերվում մեկ ինքնակա գործավորի կամ թե բանվորների համայնքի և կամ ստրուկների պատրաստած ապրանքներից։ Սակայն մեր դեպքում ամբողջ աշխատարդյունքը, ինչպես և ամբողջ արժեքը պատկանում է կապիտալիստին։ Ամեն մի այլ արտադրողի նման նա պետք է ապրանքը նախ ծախելով փող դարձնի, որպեսզի հետո նրանով գործառել կարողանա. նա պետք է ապրանքն ընդհանրական համարժեքի ձևին վերածի։—

Քննենք ապրանքարդյունքը նախքան սրա՝ դրամի փոխարկվելը։ Ապրանքարդյունքն ամբողջովին պատկանում է կապիտալիստին։ Մյուս կողմից՝ նա իբրև օգտակար աշխատարդյունք — որպես սպառարժեք — անցյալ աշխատապրոցեսի արդյունքն է լիովին ու միանգամայն. այսպես չի նրա արժեքը։ Այս արժեքի մի մասն ապրանքի արտադրության վրա ծախսված արտադրամիջոցների լոկ վերահայտնված արժեքն է նոր ձևով. այս արժեքն այս ապրանքի արտադրապրոցեսի ժամանակ չի, որ արտադրվել է, որովհետև արտադրամիջոցներն այս արժեքն ունեին նախքան արտադրապրոցեսը, սրանից անկախ. նրանք այս պրոցեսի մեջ մտել են իբրև հիշյալ արժեքի կրիչներ. նորոգվել և փոխվել է այս արժեքի երևաձևը միայն։ Ապրանքարժեքի այս մասը կապիտալիստի համար կազմում է նրա կանխավճարած հաստատուն կապիտալարժեքի այն մասի մի համարժեքը, որը գործադրվել է ապրանքարտադրության ժամանակ։ Նա առաջ գոյության ուներ արտադրամիջոցների ձևով. հիմա նա գոյություն ունի իբրև նոր արտադրված ապրանքի արժեքի բաղադրամաս։ Հենց որ այս ապրանքը դրամացվում է, իբրև դրամ գոյություն ունեցող այս արժեքը հիմա պիտի արտադրամիջոցների փոխարկվի, պետք է արտադրապրոցեսի ու սրա մեջ ունեցած նրանց ֆունկցիայի միջոցով նախորոշված միևնույն սկզբնական ձևին վերածվի։ Մի ապրանքի արժեբնույթն ամենևին չի փոխվում այս արժեքի կապիտալաֆունկցիայի հետևանքով։

Ապրանքի մի երկրորդ արժեմասն այն աշխատույժի արժեքն է, որ վարձու բանվորը ծախում է կապիտալիստին։ Աշխատույժի արժեքն արտադրամիջոցների արժեքի նման որոշվում է այն արտադրապրոցեսից անկախ, որի մեջ պետք է մտնի աշխատույժը, և սևեռվում է շրջանառության մի ակտում, աշխատույժի առուծախի մեջ, նախքան աշխատույժի՝ արտադրապրոցեսի մեջ մտնելը։ Յուր գործունեության — յուր աշխատույժի ծախսման — միջոցով վարձու բանվորն արտադրում է այն արժեքին հավասար մի ապրանքարժեք, որ կապիտալիստը պետք է նրան վճարի սրա աշխատույժի գործադրության համար։ Բանվորն այս արժեքն ապրանքի ձևով տալիս է կապիտալիստին, որը նրան միևնույնը վճարում է փողով։ Որ ապրանքարժեքի այս մասն աշխատավարձի վճարման նպատակով կանխավճարվող փոփոխուն կապիտալի լոկ մի համարժեք է կապիտալիստի համար, այս պարագան ամենևին չի փոխում այն իրողությունը, որ հիշյալ մասն արտադրապրոցեսի ժամանակ նոր ստեղծված ապրանքարժեք է, որն ուրիշ ոչնչից չի կազմված, քան այն բանից, որից կազմված է հավելարժեքը, այն է՝ աշխատույժի արդեն հոսած-անցած ծախսումից։ Այս իրողությունը նույնպես չի փոխվում նրանից, որ աշխատույժի այն արժեքը, որ կապիտալիստը բանվորին վճարում է աշխատավարձի ձևով, բանվորի համար ընդունում է հասույթի ձև, և որ այս հանգամանքի շնորհիվ շարունակաբար վերարտադրվում է ոչ միայն աշխատույժը, այլև վարձու բանվորների դասակարգն իբրև այսպիսին, ու սրա հետ միասին՝ կապիտալիստական ամբողջ արտադրության հիմքը։

Բայց այս երկու արժեմասի գումարը դեռ ամբողջ ապրանքարժեքը չի կազմում։ Մնում է երկսից գերազանցող մի հավելույթ էլ — հավելարժեքը։ Սա, ինչպես և աշխատավարձի համար կանխավճարված փոփոխուն կապիտալը փոխհատուցող արժեմասը, արտադրապրոցեսի ժամանակ բանվորի կողմից նոր ստեղծված արժեք է — կարծրացած աշխատանք է։ Միայն թե սա — հավելարժեքը — ամբողջ արդյունքը յուրացնողի վրա, կապիտալիստի վրա ոչինչ չի նստում։ Այս վերջին հանգամանքը կապիտալիստին իրոք հնարավորություն է տալիս հավելարժեքն ամբողջապես իբրև հասույթ սպառելու, եթե նա սրանից բաժին չպետք է հանի ուրիշ բաժնեկիցների, ինչպես, օրինակ, հողառենտա՝ հողատերերին, որպիսի դեպքում այս մասերն այն ժամանակ կազմում են այսպիսի երրորդ անձերի հասույթը։ Նույն այս հանգամանքն էր նաև այն մղիչ շարժառիթը, որի պատճառով մեր կապիտալիստն ընդհանրապես ձեռք էր զարկել ապրանքարտադրությանը։ Բայց ո՛չ հավելարժեք շահելու յուր սկզբնական բարեմիտ դիտավորությունը, ոչ էլ հավելարժեքի՝ հետագայում նրա և ուրիշների կողմից որպես հասույթ ծախսվելը չեն ազդում հավելարժեքի իբրև այսպիսու վրա։ Նրանք ամենևին չեն փոխում այն պարագան, որ հավելարժեքը կարծրացած անվճար աշխատանք է, և նմանապես չեն փոխում ամենևին հավելարժեքի մեծությունն էլ, որը բոլորովին ուրիշ պայմաններով է որոշվում։

Բայց եթե Ա. Սմիթն ապրանքարժեքի քննարկման ժամանակ արդեն ուզում էր այն բանով զբաղվել — ինչպես որ հենց անում էլ է — թե վերարտադրության ամբողջական պրոցեսում ի՛նչ դեր է վիճակվում ապրանքարժեքի տարբեր մասերին, ապա պարզ կլիներ, որ երբ առանձնահատուկ մասեր իբրև հասույթ են գործում, ուրիշ մասեր էլ նույնպես միշտ որպես կապիտալ են գործում — և այս պատճառով հենց նրա տրամաբանության համաձայն էլ պետք է նշանակվեն որպես ապրանքարժեքի կազմիչ մասեր կամ այնպիսի մասեր, որոնց որ տրոհվում է ապրանքարժեքը։

Ա. Սմիթն ընդհանրապես ապրանքարտադրությունը նույնացնում է կապիտալիստական ապրանքարաադրության հետ. արտադրամիջոցները հենց այն գլխից «կապիտալ» են, աշխատանքը հենց այն գլխից վարձու աշխատանք է, և «օգտակար ու արտադրողական բանվորների թիվն այս պատճառով ամենուրեք... համեմատական է նրանց զբաղեցնելու համար կիրառված կապիտալի մեծության նկատմամբ» («to the quantity of capital stock which is employed in setting them to work.» Introduction, p. 12.) Մի խոսքով՝ աշխատապրոցեսի տարբեր — առարկայական ու անձնական — գործոնները հենց այն գլխից հանդես են գալիս կապիտալիստական արտադրապարբերաշրջանի բնորոշ դիմակներով։ Հենց այս պատճառով ապրանքարժեքի վերլուծությունն անմիջաբար համընկնում է այն բանի քննարկման հետ, թե որչափով այս արժեքը մի կողմից հանդիսանում է ծախսված կապիտալի սոսկական համարժեք է մյուս կողմից՝ որչափով նա ոչ մի կանխավճարված կապիտաչարժեք չփոխհատուցող «ազատ» արժեք կամ հավելարժեք է կազմում։ Այսպիսով ուրեմն, ապրանքարժեքի՝ այս տեսակետից իրար հետ համեմատության դրվող կտորները ձեռքի միջով սլլացվելով փոխարկվում են ապրանքարժեքի ինքնակա «բաղադրամասերի» ու վերջիվերջո «ամեն արժեքի աղբյուրների»։ Հաջորդ հետևությունն այն է, թե ապրանքարժեքը կազմված է կամ փոփոխակիորեն «տրոհվում է» տարբեր տեսակի հասույթների, այնպես որ ոչ թե հասույթներն են գոյանում ապրանքարժեքից, այլ ապրանքարժեքն է կազմվում «հասույթներից»։ Բայց ինչպես որ մի ապրանքարժեքի qua [իբրև] ապրանքարժեքի կամ թե փողի qua [իբրև] փողի բնությունը չի փոխվում նրանից, որ նրանք որպես կապիտալ են գործում, ճիշտ նույնպես չի փոխվում մի ապրանքարժեքինն էլ նրանից, որ նա հետագայում այս կամ թե այն մարդի համար իբրև հասույթ է գործում։ Այն ապրանքը, որի հետ գործ ունի Ա. Սմիթը, հենց այն գլխից ապրանքակապիտալ է (որը, բացի ապրանքի արտադրության վրա գործադրված կապիտալարժեքից, նաև հավելարժեք է պարունակում), ուրեմն կապիտալիստորեն արտադրված ապրանք է, կապիտալիստական արտադրապրոցեսի հետևանքը։ Այսպիսով ուրեմն, առաջ պետք է սա վեր լուծվեր, ուրեմն և սրա մեջ պարփակված արժեմեծացման պրոցեսն ու արժեգոյացման պրոցեսը։ Որովհետև կապիտալիստական արտադրապրոցհսի հենց նախադրյալն ապրանքաշրջանառությունն է դարձյալ, ուստի նրա պատկերացումը նույնպես պահանջում է ապրանքի՝ նրանից անկախ ու նրան նախորդող մի վերլուծություն։ Նույնիսկ այն դեպքում, երբ Ա. Սմիթն «էզոտերիկ» կերպով անցողակի ոտք է դնում ուղիղ ճանապարհի վրա, նա արժեքի արտադրությունը միշտ ուշադրության առնում է լոկ դիպվածաբար՝ ապրանքավերլուծության, այսինքն ապրանքակապիտալի վերլուծության ժամանակ։

III. ՀԵՏԱԳԱՆԵՐԸ[8]

Ռիկարդոն գրեթե բառացի վերարտադրում է Ա. Սմիթի թեորիան. «Ի՜նչ խոսք, որ պետք է ընդունել, թե մի երկրի բոլոր արդյունքներն սպառվում են, բայց անչափ մեծ տարբերություն է անում, նայած հիշյալ արդյունքներն սպառում են այնպիսիները, որոնք մի ուրիշ արժեք վերարտադրո՞ւմ են, թե՞ այնպիսիները, որոնք այս չեն անում։ Երբ մենք ասում ենք, թե հասույթը տնտեսվում է և ավելացվում կապիտալի վրա, ապա սրանով այն ենք հասկանում, թե հասույթի այն մասը, որը կապիտալի վրա է ավելացվում, արտադրողական բանվորներն են սպառում՝ անարտադրողականների փոխարեն։» («Principles», p. 163.)

Իրոք Ռիկարդոն լիովին ընդունել է Ա. Սմիթի թեորիան այն մասին, որ ապրանքագինը տրոհվում է աշխատավարձի ու հավելարժեքի (կամ փոփոխուն կապիտալի ու հավելարժեքի)։ Նա Սմիթի հետ վիճում է 1) հավելարժեքի բաղադրամասերի վերաբերմամբ. նա ժխտում է հողառենտայի՝ հավելարժեքի անհրաժեշտ տարր լինելը. 2) Ռիկարդոն ապրանքագինը տրոհում է այս բաղադրամասերին։ Այսպիսով ուրեմն, արժեմեծությունը prius-ն [առաջնական, նախապայման, նախադրյալ] է։ Բաղադրամասերի գումարը Ռիկարդոն իբրև տվյալ մեծություն է ենթադրում, նրանից է չվում և ոչ թե Ա. Սմիթի նման հակառակն է անում ու յուր ավելի խոր հայացքին հակասելով՝ ապրանքի արժեմեծությունը հետևեցնում post festum [իրողությունից հետո, հետագայում, հետին թվով] բաղադրամասերը գումարելով։

Ռամսեյը Ռիկարդոյին առարկելով նկատում է. «Ռիկարդոն մոռանում է, որ ամբողջ արդյունքը ոչ միայն տրոհվում է աշխատավարձի ու շահույթի, այլ որ մի մասն էլ անհրաժեշտ է հիմնական կապիտալի փոխհատուցման համար։» («An Essay on the Distribution of Wealth.» Edinburg 1836, p. 174.) Ռամսեյը հիմնական կապիտալ ասելով նույնն է հասկանում, ինչ որ ես հասկանում եմ հաստատուն կապիտալ ասելով. «հիմնական կապիտալը գոյություն է ունենում մի այնպիսի ձևով, որով նա թեև մասնակցում է աշխատանքի կողմից ընդգրկված ապրանքի արտադրությանը, բայց ոչ թե բանվորի ապրուստին։» (p. 53.)

Ա. Սմիթը ծառանում էր այն անհրաժեշտ հետևության դեմ, որը բղխում էր նրա՝ ապրանքարժեքը, ուրեմն և հասարակական տարեկան արդյունքի արժեքն աշխատավարձի ու հավելարժեքի, հետևաբար սոսկական հասույթների տրոհելուց, հետևություն, ըստ որի կարող էր այս դեպքում սպառվել տարեկան ամբողջ արդյունքը։ Օրիգինալ մտածողները երբեք անհեթեթ հետևություններ չեն անում։ Նրանք այս բանը թողնում են Սեյերին ու Մակ-Կուլլոխներին։

Սեյն իսկապես բավական հեշտ է գլուխ հանում գործը։ Այն, ինչ որ մեկի համար կապիտալականխավճարումն է, ուրիշի համար հասույթ ու զուտ արդյունք է կամ թե այսպիսին էր. համախառն արդյունքի ու զուտ արդյունքի միջև եղած տարբերությունը զուտ սուբյեկտիվ է, և «այսպիսով բոլոր արդյունքների ամբողջ արժեքը հասարակության մեջ իբրև հասույթ է բաշխվել։» (Say «Traité d’Econ. Pol.» 1817. II, p. 69.) «Ամեն մի արդյունքի ամբողջ արժեքը գոյանում է այն հողատերերի, կապիտալիստների ու արդյունագործողների շահույթներից» [աշխատավարձն այստեղ կերպակայում է իբրև profits des industrieux! [արդյունաբերողների շահույթներ]], «որոնք մասնակցել են նրա արտադրությանը։ Սրա հետևանքով է, որ հասարակության հասույթը հավասար է արտադրված համախառն արժեքին ու ոչ թե, ինչպես տնտեսագետների աղանդները [ֆիզիոկրատներն] էին կարծում, լոկ հավասար է հողի զուտ արդյունքին։» (p. 63.)

Սեյի այս հայտնագործությունը յուրացրել է ի միջի այլոց Պրուդոնն էլ։

Շտորխը, որն սկզբունքով նույնպես ընդունում է Ա. Սմիթի ուսմունքը, գտնում է սակայն, որ Սեյի օգտագործումը խոցելի է։ «Եթե ընդունենք, որ մի ազգի հասույթը հավասար է նրա համախառն արդյունքին, այսինքն կապիտալ [հարկավոր էր ասել՝ հաստատուն կապիտալ] չի հանվելու նրանից, ապա պետք է ընդունենք նաև, որ այս ագգը յուր տարեկան արդյունքի ամբողջ արժեքը կարող է անարտադրողաբար սպառել՝ առանց ամենափոքրիկ կորուստ պատճառելու յուր ապագա հասույթին... Այն արդյունքները, որոնք մի ազգի [հաստատուն] կապիտալն են կազմում, սպառելի չեն» (Storch «Considérations sur nature du revenu national.» Paris 1824, p. 150.)

Բայց այս հաստատուն կապիտալամասի գոյությունն ինչպես է համերաշխում նրա ընդունած Սմիթյան գնավերլուծության հետ, ըստ որի ապրանքարժեքը լոկ աշխատավարձ է ու հավելարժեք, բայց ոչ մի հաստատուն կապիտալամաս չի պարունակում,— Շտորխը մոռացել է ասել։ Միմիայն Սեյի միջոցով է նրա համար պարզ դառնում, թե այս գնավերլուծությունն անհեթեթ հետևանքների է հասցնում, և նրա սեփական վերջին խոսքն այս մասին այն է. «թե անկարելի բան է անհրաժեշտ գինը յուր ամենապարզ տարրերին վերածելը։» («Cours d’Econ. Pol.» Pétersbourg 1815, II, p. 140.)

Սիսմոնդին, որին առանձնապես զբաղեցնում է կապիտալի ու հասույթի հարաբերությունը և որն իսկապես այս հարաբերության յուրահատուկ ըմբռնումը դարձնում է յուր «Nouveaux Principes»-ի differentia specifica [մասնահատուկ տարբերություն, տարբերիչ հատկանիշ], մի հատիկ գիտական բառ չի ասել, մի ատոմ անգամ չի մուծել առեղծվածի պարզաբանման համար։

Բարտոնը, Ռամսեյն ու Շերբուլիեն փորձեր են անում Սմիթյան ըմբռնումից վեր բարձրանալու։ Բայց նրանք խրվում են, որովհետև հենց այն գլխից առեղծվածը միակողմանի են դնում, քանի որ հաստատուն ու փոփոխուն կապիտալարժեքի տարբերությունը պարզորոշ կերպով չեն զատում հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունից։

Ջոն Ստուարտ Միլլն էլ սովորական փքունահարգությամբ վերարտադրում է Ա. Սմիթից յուր հետնորդներին ժառանգաբար անցած ուսմունքը։

Հետևանքը.— մտքերի Սմիթյան խառնաշփոթությունը շարունակում է գոյություն ունենալ մինչև օրս, և նրա դոգման քաղաքատնտեսության ուղղափառ հավատո հանգանակի մի հոդվածն է կազմում։

ՔՍԱՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

I. ՀԱՐՑԻ ԴՐՈՒՄԸ

Եթե մենք քննենք[9] հասարակական կապիտալի տարեկան ֆունկցիան յուր հետևանքում — ուրեմն տարեկան ֆունկցիան ամբողջ կապիտալի, որի լոկ կոտորակամասերն են կազմում անհատական կապիտալները, որոնց շարժումը թե՛ իրենց անհատական շարժումն է ու թե՛ միաժամանակ ամբողջ կապիտալի շարժման բաղկացուցիչ անդամը, այսինքն եթե քննենք այն ապրանքարդյունքը, որ հասարակությունը տալիս է տարվա ընթացքում, ապա կերևա, թե ինչպես է առաջ ընթանում հասարակական կապիտալի վերարտադրապրոցեսը, ինչ բնութագծեր են տարբերում այս վերարտադրապրոցեսը մի անհատական կապիտալի վերարտադրապրոցեսից և ինչ բնութագծեր ընդհանուր են երկսի համար էլ։ Տարեկան արդյունքը յուր մեջ պարփակում է ինչպես հասարակական արդյունքի այն մասերը, որոնք կապիտալ են փոխհատուցում,— հասարակական վերարտադրությունը,— այնպես էլ այն մասերը, որոնք բաժին են ընկնում սպառաֆոնդին, սպառվում են բանվորի ու կապիտալիստի կողմից, հետևաբար թե՛ արտադրողական ու թե՛ անհատական սպառումը։ Նա յուր մեջ պարփակում է նմանապես կապիտալիստների դասակարգի ու բանվոր դասակարգի վերարտադրությունը (այսինքն պահպանումը), ուրեմն և ամբողջ արտադրապրոցեսի կապիտալիստական բնույթի վերարտադրությունը։

Ակներև է, որ մենք շրջանառության Ա՛ — [[math]^{Փ—Ա ... Արտ ... Ա՛}_{փ—ա}[/math] կերպարանքը պիտի վերլուծենք, և ընդսմին սպառումն անհրաժեշտորեն մի դեր է խաղում նրանում, որովհետև Ա՛ = Ա + ա ելակետը, ապրանքակապիտալը, յուր մեջ պարփակում է թե՛ հաստատուն ու փոփոխուն կապիտալարժեքն ու թե՛ հավելարժեքը։ Ուստի նրա շարժումն ընդգրկում է ինչպես անհատական սպառումը, այնպես էլ արտադրողականը։ Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ ու Արտ ... Ա՛—Փ՛—Ա ... Արտ շրջապտույտների ժամանակ կապիտալի շարժումն է ելակետն ու վերջնակետը. այս շարժումն անշուշտ սպառումն էլ է պարփակում յուր մեջ, որովհետև ապրանքը, արդյունքը պետք է ծախվի։ Բայց երբ այս կատարված է ենթադրվում, ապա առանձին կապիտալի շարժման համար այլևս նշանակություն չունի, թե այնուհետև ինչ է լինում այս ապրանքը։ Իսկ Ա՛ ... Ա՛ շարժման ժամանակ, ընդհակառակը, հասարակական վերարտադրության պայմանները հենց նրանով են ճանաչվում, որ այստեղ պետք է մատնանշել, թե այս ամբողջ արդյունքի, Ա՛-ի, ամեն մի արժեմասն ինչ է լինում։ Այստեղ ամբողջ վերարտադրապրոցեսը յուր մեջ պարփակում է ինչպես շրջանառությամբ միջնորդագործված սպառապրոցեսը, այնպես էլ բուն իսկ կապիտալի վերարտադրապրոցեսը։

Եվ մեր հենց առաջադրած նպատակի համար մենք վերարտադրապրոցեսը պետք է քննենք Ա՛-ի առանձին բաղադրամասերի թե՛ արժեփոխհատուցման ու թե՛ նյութափոխհատուցման տեսակետից։ Մենք հիմա կարող ենք այլևս չբավականանալ, ինչպես որ բավականանում էինք առանձին կապիտալարդյունարժեքի վերլուծության ժամանակ, այն ենթադրությամբ, թե առանձին կապիտալիստը յուր ապրանքարդյունքը ծախելով կարող է յուր կապիտալի բաղադրամասերը նախ դրամի փոխարկել և հետո էլ արտադրատարրերն ապրանքաշուկայում վերագնելով հետփոխարկել արտադրողական կապիտալի։ Հիշյալ արտադրատարրերը, որչափով որ սրանք իրեղեն բնություն ունենք հասարակական կապիտալի մի բաղադրամասն են կազմում նույնպես, ինչպես և անհատական պատրաստի այն արդյունքը, որը փոխանակվում է նրանց հետ և փոխհատուցվում է նրանց միջոցով։ Մյուս կողմից՝ հասարակական ապրանքարդյունքի այն մասի շարժումը, որ բանվորն սպառում է յուր աշխատավարձը ծախսելիս, և կապիտալիստը հավելարժեքը ծախսելիս, ոչ թե ամբողջ արդյունքի շարժման մի բաղկացուցիչ անդամն է կազմում լոկ, այլ և միահյուսվում է անհատական կապիտալների շարժման հետ, և այս պատճառով նրա իրադարձությունը չի կարող այն բանով պարզաբանվել, որ մենք պարզապես լոկ ենթադրենք այն։

Այն հարցը, որ անմիջապես կանգնում է մեր առջև, հետևյալն է.— արտադրության մեջ գործադրված կապիտալն ըստ յուր արժեքի ի՞նչպես է փոխհատուցվում տարեկան արդյունքից, և այս փոխհատուցման շարժումն ի՞նչպես է միահյուսվում կապիտալիստի՝ հավելարժեք սպառելու և բանվորին աշխատավարձ սպառելու հետ։ Հետևաբար ամենից առաջ բանը վերաբերում է պարզ մասշտաբով վերարտադրությանը։ Այնուհետև ենթադրվում է ոչ թե լոկ այն, որ արդյունքները փոխանակվում են իրենց արժեքի համաձայն, այլ է այն, որ արտադրողական կապիտալի բաղադրամասերի մեջ ոչ մի արժեհեղափոխություն չի կատարվում։ Որչափով որ գները շեղվում են արժեքներից, այս հանգամանքը սակայն կարող է ոչ մի ազդեցություն չանել հասարակական կապիտալի շարժման վրա։ Առաջվա պես փոխանակվում են իրար հետ ընդհանուր առմամբ արդյունքների միևնույն մասսաները, թեև առանձին կապիտալիստները սրան մասնակցում են այնպիսի արժեհարաբերություններով, որոնք այլևս համամասնական չէին լինի իրենց համապատասխան կանխավճարումներին ու նրանցից յուրաքանչյուրի առանձին արտադրած հավելարժեքի մասսաներին։ Իսկ ինչ վերաբերում է արժեհեղափոխություններին, ապա սրանք ամենևին չեն փոխում տարեկան ամբողջ արդյունքի արժեբաղադրամասերի միջև եղած հարաբերությունները, որչափով որ հիշյալ արժեհեղափոխություններն ընդհանրական են և հավասարաչափ են բաշխվում։ Իսկ որչափով որ նրանք մասնակի են և հավասարաչափ չեն բաշխվում, ապա նրանք ներկայացնում են խանգարումներ, որոնք նախ՝ կարող են իբրև այսպիսիք հասկանալի դառնալ այն ժամանակ միայն, որչափով որ մենք նրանց քննարկում ենք որպես անփոփոխ մնացած արժեհարաբերություններից կատարվող շեղումներ. իսկ երկրորդ, եթե ցույց է տրված այն օրենքն, ըստ որի տարեկան արդյունքի մի արժեմասը փոխհատուցում է հաստատուն կապիտալի, մի ուրիշը՝ փոփոխունը, ապա մի հեղափոխություն, սա կատարվելիս լիներ հաստատուն, թե փոփոխուն կապիտալիարժեքում, միևնույն է,— ամենևին չէր փոխի այս օրենքը։ Նա կփոխեր արժեմասերի այն հարաբերական մեծությունները միայն, որոնք գործում են այս կամ թե այն որակով, որովհետև սկզբնական արժեքների տեղ հանդես կգային ուրիշ արժեքներ։

Քանի դեռ մենք արժեարտադրությունն ու կապիտալի արդյունարժեքն իբրև անհատական էինք քննարկում, ապրանքարդյունքի բնաձևը բոլորովին նշանակություն չուներ վերլուծության համար, կազմված լիներ նա, օրինակ, մեքենաներից կամ թե հացահատկից և կամ հայելիներից, միևնույն է։ Այս ապրանքարդյունքը միշտ օրինակ էր միայն, և ուզածդ ամեն մի արտադրաճյուղ հավասարապես կարող էր իբրև նկարազարդումն ծառայել։ Մենք գործ ունեինք հենց անմիջական արտադրապրոցեսի հետ, որը յուրաքանչյուր կետում էլ ներկայանում է իբրև մի անհատական կապիտալի պրոցես։ Որչափով որ կապիտալի վերարտադրությունն էր քննության առնվում, բավական էր ենթադրել, որ ապրանքարդյունքի այն մասը, որը կապիտալարժեք է ներկայացնում, շրջանառության ոլորտում հնարավորություն է գտնում հետփոխարկվելու յուր արտադրատարրերին և ուրեմն յուր, իբրև արտադրողական կապիտալի, կերպարանքին. ճիշտ ինչպես որ բավական էր ենթադրել, որ բանվորն ու կապիտալիստը շուկայում գտնում են այնպիսի ապրանքներ, որոնց վրա ծախսում են աշխատավարձն ու հավելարժեքը։ Պատկերացման այս լոկ ձևական եղանակն այլևս բավական չի հասարակական ամբողջ կապիտալն ու սրա արդյունարժեքը քննելիս։ Արդյունարժեքի մի մասի հետփոխարկումը կապիտալի, իսկ մյուս մասի՝ կապիտալիստների դասակարգի ու թե բանվոր դասակարգի անհատական սպառման մեջ մտնելը կազմում է բուն իսկ այն արդյունարժեքի սահմաններում կատարվող մի շարժում, որին իբրև հետևանքի հանգել է ամբողջ կապիտալը. և այս շարժումը ոչ միայն արժեփոխհատուցումն է, այլ և նյութափոխհատուցում, ուստի և պայմանավորված է ինչպես հասարակական արդյունքի արժեբաղադրամասերի փոխադարձ հարաբերությամբ, այնպես և նրանց սպառարժեքով, նրանց նյութական կերպարանքով։

Անփոփոխ մասշտաբով պարզ վերարտադրությունը[10] մի վերացություն է ներկայանում այն իմաստով, որ մի կողմից՝ մեկ տարօրինակ վարկած է կապիտալիստական պատվանդանի վրա ամեն կուտակման կամ ընդլայնված մասշտաբով վերարտադրության բացակայությունը, իսկ մյուս կողմից՝ այն հարաբերությունները, որոնցում կատարվում է արտադրությունը, տարբեր տարիներում բացարձակորեն միևնույնը չեն մնում (և հենց այս էլ ենթադրվում է)։ Ենթադրությունն այն է, որ տվյալ արժեքով մի հասարակական կապիտալ ինչպես նախընթաց տարում, այնպես էլ այս տարի ապրանքարժեքի միևնույն քանակն է մատակարարում և միևնույն քանակի պահանջմունքներ է բավարարում, թեև ապրանքների ձևերը վերարտադրապրոցեսում կարող են փոխվել։ Սակայն, որչափով որ կուտակումն է տեղի ունենում, պարզ վերարտադրությունը միշտ կազմում է նրա մի մասը, հետևաբար կարող է ինքնին լոկ քննարկվել և կուտակման մեկ իրական գործոնն է։ Տարեկան արդյունքի արժեքը կարող է նվազել, թեև սպառարժեքների մասսան միևնույնն է մնում. արժեքը կարող է միևնույնը մնալ, չնայած որ սպառարժեքների քանակը պակասում է. արժեմասսան ու վերարտադրված սպառարժեքների մասսան կարող են միաժամանակ քչանալ։ Այս բոլորն առաջ է գալիս նրանից, որ վեբարտադրությունը տեղի է ունենում կա՛մ առաջվանից ավելի նպաստավոր հանգամանքներում, կամ թե ավելի դժվարացած պարագաներում, և այս վերջինս կարող է մի անկատար — թերատ — վերարտադրության հանգել իբրև յուր հետևանքի։ Այս բոլորը կարող է վերարտադրության տարբեր տարրերի լոկ քանակային կողմը շոշափել, բայց ոչ այն դերը, որ նրանք ամբողջ պրոցեսում խաղում են իբրև վերարտադրող կապիտալ կամ թե որպես վերարտադրված հասույթ։

II. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ[11]

Հասարակության ամբողջ արդյունքը, հետևաբար նաև ամբողջ արտադրությունը, տրոհվում է երկու խոշոր ստորաբաժանման.

1) Արտադրամիջոցներ, ապրանքներ, որոնք այնպիսի ձև ունեն, որով պետք է մտնեն կամ թե առնվազը կարող են մտնել արտադրողական սպառման մեջ։

2) Սպառամիջոցներ, ապրանքներ, որոնք այնպիսի ձև ունեն, որով մտնում են կապիտալիստների դասակարգի ու բանվոր դասակարգի անհատական սպառման մեջ։

Այս ստորաբաժանումներից յուրաքանչյուրում սրան պատկանող բոլոր տարբեր արտադրաճյուղերը կազմում են մի հատիկ խոշոր արտադրաճյուղ, մի քանիսն՝ արտադրամիջոցների արտադրաճյուղ, մյուսներն՝ սպառամիջոցների։ Երկու արտադրաճյուղից ամեն մեկում կիրառված ամբողջ կապիտալը կազմում է հասարակական կապիտալի մի առանձին խոշոր ստորաբաժանումը։

Յուրաքանչյուր ստորաբաժանման մեջ կապիտալը տրոհվում է երկու բաղադրամասի.

1) Փոփոխուն կապիտալի։ Սա, ըստ արժեքի քննելիս, հավասար է այս արտադրաճյուղում կիրառված հասարակական աշխատույժի արժեքին, ուրեմն հավասար է սրա համար վճարված աշխատավարձի գումարին։ Ըստ նյութի քննելիս՝ նա կազմված է հենց բանող աշխատույժից, այսինքն այս կապիտալարժեքի կողմից շարժման մեջ դրվող կենդանի աշխատանքից։

2) Հաստատուն կապիտալի. այսինքն՝ այս ճյուղում արտադրության համար կիրառվող բոլոր արտադրամիջոցների արժեքին։ Սրանք իրենց հերթին դարձյալ տրոհվում են հիմնական կապիտալի — մեքենաներ, աշխատագործիքներ, շենքեր, բանող անասուն և այլն, ու շրջանառու հաստատուն կապիտալի — արտադրանյութեղեններ, ինչպես՝ հումքեր ու օժանդակ նյութեր, կիսաֆաբրիկատներ և այլն։

Այս կապիտալի օգնությամբ երկու ստորաբաժանումից յուրաքանչյուրում արտադրված տարեկան ամբողջ արդյունքի արժեքը տրոհվում է մի արժեմասի, որը ներկայացնում է արտադրության մեջ գործադրված ու ըստ յուր արժեքի՝ արդյունքին փոխանցված c հաստատուն կապիտալը, ու այն արժեմասի, որը միակցվում է տարեկան ամբողջ աշխատանքի շնորհիվ։ Այս վերջինս էլ յուր հերթին տրոհվում է կանխավճարված v փոփոխուն կապիտալի փոխհատուցմանն ու սրանից գերազանցող այն հավելույթին, որը կազմում է m հավելարժեքը։ Ինչպես ամեն մի առանձին ապրանքի արժեքը, այնպես էլ ուրեմն յուրաքանչյուր ստորաբաժանման տարեկան ամբողջ արդյունքը տրոհվում է c + v + m-ի։

c արժեմասը, որը ներկայացնում է արտադրության մեջ գործադրված հաստատուն կապիտալը, չի համընկնում արտադրության մեջ կիրառված հաստատուն կապիտալի արժեքի հետ։ Թեև արտադրանյութերի ամբողջովին են գործադրվել, և ուրեմն նրանց արժեքն ամբողջովին արդյունքին է փոխանցվել, բայց կիրառված հիմնական կապիտալի լոկ մի մասն է ամբողջովին գործադրվել, և հետևաբար լոկ մի մասի արժեքն է արդյունքին փոխանցվել։ Հիմնական կապիտալի մյուս մասը — մեքենաներ, շենքեր և այլն — շարունակում են առաջվա պես գոյություն ունենալ ու գործել, թեև տարեմաշվածքի հետևանքով քչացած արժեքով։ Հիմնական կապիտալի այս գործել շարունակող մասը գոյություն չունի մեզ համար, եթե մենք արդյունարժեքն ենք քննում։ Նա կազմում է կապիտալարժեքի մի այնպիսի մասը, որն անկախ է այս նոր արտադրված ապրանքարժեքից և գոյություն ունի սրա կողքին։ Այս արդեն երևացել է մի առանձին կապիտալի արդյունարժեքը քննելիս (I գիրք, VI գլ., էջ 192[12])։ Սակայն այստեղ մենք առայժմ պետք է վերանանք այնտեղ կիրառված քննելակերպից։ Առանձին կապիտալի արդյունարժեքը քննելիս մենք տեսանք, թե այն արժեքը, որ մաշվածքի հետևանքով կորզվում է հիմնական կապիտալից, մաշվելու ժամանակ արտադրված ապրանքարդյունքին է փոխանցվում, և այս դեպքում նշանակություն չունի, թե այս հիմնական կապիտալի մի մասն այս ժամանակվա ընթացքում in natura [բնեղեն կերպարանքով] փոխհատուցվում է, թե ոչ։ Իսկ այստեղ, հասարակական ամբողջ արդյունքն ու սրա արժեքը քննելիս, ընդհակառակը, մենք ստիպված ենք, գոնե առայժմ, վերանալու հիմնական կապիտալի մաշվածքի հետևանքով տարվա ընթացքում տարեկան արդյունքին փոխանցված արժեմասից, որչափով որ այս հիմնական կապիտալը տարվա մեջ դարձյալ չի փոխարինվել in natura [բնեղեն կերպարանքով]։ Այս գլխի հետագա մի բաժնում մենք այս կետն անջատ քննարկելու ենք։



Պարզ վերարտադրության մեր հետազոտության հիմք մենք կդնենք հետևյալ սխեման, որտեղ c = հաստատուն կապիտալ, v = փոփոխուն կապիտալ, m = հավելարժեք, և արժեմեծացման [math]\frac{m}{v}[/math] հարաբերությունն ընդունվում է 100%։ Թվերը կարող են միլիոնավոր մարկ, ֆրանկ կամ թե ֆունտ ստերլինգ նշանակել։

I. Արտադրամիջոցների արտադրություն.
Կապիտալ 4 000 c + 1 000 v = 5 000,
Ապրանքարդյունք 4 000 c + 1 000 v + 1 000 m = 6 000,

որը գոյություն ունի արտադրամիջոցների կերպարանքով։

II. Սպառամիջոցների արտադրություն.
Կապիտալ 2 000 c + 500 v = 2 500,
Ապրանքարդյունք 2 000 c + 500 v + 500 m = 3 000,

որը գոյություն ունի սպառամիջոցների կերպարանքով։

Միագումարելով՝ տարեկան ամբողջ ապրանքարդյունքը լինում է.

I. 4 000 c + 1 000 v + 1 000 m = 6 000՝ արտադրամիջոցներ,
II. 2 000 c + 500 v + 500 m = 3 000՝ սպառամիջոցներ։

Ամբողջ արժեքը = 9 000, որի մեջ, ենթադրության համաձայն, չի մտնում այն հիմնական կապիտալը, որը շարունակում է գործել յուր բնաձևով։

Արդ, եթե մենք պարզ վերարտադրության պատվանդանի վրա, որտեղ ուրեմն ամբողջ հավելարժեքն անարտադրողաբար է սպառվում, քննարկենք անհրաժեշտ փոխանակումները և ընդսմին ուշադրության չառնենք այս փոխանակումները միջնորդագործող դրամաշրջանառությունը, ապա մենք հենց այս գլխից երեք խոշոր հենակետ կստանանք.

1) II ստորաբաժանման 500 v-ն, բանվորների աշխատավարձը, ու 500 m-ը կապիտալիստների հավելարժեքը, պետք է սպառամիջոցների վրա ծախսվեն։ Բայց նրանց արժեքը գոյություն ունի 1 000-անոց արժեք ունեցող սպառամիջոցներում, որոնք II ստորաբաժանման կապիտալիստների ձեռին փոխհատուցում են կանխավճարված 500 v-ն և ներկայացնում 500 m-ը։ Այսպիսով ուրեմն II ստորաբաժանման աշխատավարձն ու հավելարժեքը փոխանակվում են II ստորաբաժանման շրջանակներում II-ի արդյունքի հետ։ Սրանով ամբողջ արդյունքից չքանում է (500 v + 500 m) II = 1 000՝ սպառամիջոցների կերպարանքով։

2) I ստորաբաժանման 1 000 v + l 000 m-ը նույնպես պետք է ծախսվի սպառամիջոցների վրա, ուրեմն II ստորաբաժանման արդյունքի վրա։ Հետևաբար նրանք պիտի փոխանակվեն այս արդյունքից դեռ մնացած, ըստ գումարի համահավասար, 2 000 c հաստատուն կապիտալամասի հետ։ Սրա դիմաց II ստորաբաժանումն ստանում է արտադրամիջոցների, I-ի արդյունքի մի նույնահավասար գումար, որում մարմնացած է 1 000 v + 1 000 m-ի արժեքը։ Սրանով հաշվից չքանում են 2 000 IIc-ն ու (1 000 v + 1 000 m) I-ը։

3) Մնում է դեռ 4 000 Ic-ն։ Սա կազմված է այնպիսի արտադրամիջոցներից, որոնք միմիայն 2 ստորաբաժանման մեջ կարող են օգտագործվել, նրա գործադրած հաստատուն կապիտալի փոխարինմանն են ծառայում, և հետևաբար նրանց բանը գլուխ է գալիս I-ի առանձին կապիտալիստների միջև կատարվող փոխադարձ փոխանակությամբ ճիշտ այնպես, ինչպես (500 v + 500 m) II-ի բանը գլուխ եկավ II-ի բանվորների ու կապիտալիստների, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] II-ի առանձին կապիտալիստների միջև տեղի ունեցող փոխանակությամբ։

Առայժմ այսքանը՝ հաջորդն ավելի լավ հասկանալու համար միայն։

III. ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԵՐԿՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԻՋԵՎ.— I (v + m)-Ը ՓՈԽԱՆԱԿՎՈՒՄ Է IIc-Ի ՀԵՏ[13]

Մենք սկսում ենք երկու տարակարգի միջև կատարվող մեծ փոխանակությունից։ (1 000 v + 1 000 m)-ը — այս արժեքները, որոնք իրենց արտադրողների ձեռին գոյություն ունեն արտադրամիջոցների բնաձևով, փոխանակվում են 2 000 IIc-ի հետ, այնպիսի արժեքների հետ, որոնք գոյություն ունեն սպառամիջոցների բնաձևով։ Սրա շնորհիվ II-ի կապիտալիստների դասակարգը յուր հաստատուն կապիտալը, որ = 2 000-ի, սպառամիջոցների ձևից էլի փոխարկած է լինում սպառամիջոցներ պատրաստող արտադրամիջոցների ձևի, մի ձևի, որով հիշյալը նորից կարող է իբրև աշխատապրոցեսի գործոն ու արժեմեծացման համար որպես հաստատուն կապիտալարժեք գործել։ Մյուս կողմից՝ նույնի շնորհիվ I-ի աշխատույժի, այն է՝ (1 000 v) ու I-ի կապիտալիստների հավելարժեքի, այն է՝ (1 000 m)-ի համարժեքն իրացված է լինում փոխարկվելով սպառամիջոցների. երկուսն էլ արտադրամիջոցների իրենց բնաձևից փոխարկվում են մի այնպիսի բնաձևի, որով նրանք կարող են իբրև հասույթ բանեցվել։

Սակայն այս փոխադարձ փոխանակումը գլուխ է գալիս մի դրամաշրջանառությամբ, որը թե՛ միջնորդագործում է հիշյալ փոխանակումը և թե՛ դժվարացնում նրա ըմբռնումը, բայց որը վճռականորեն կարևոր է, որովհետև փոփոխուն կապիտալամասը միշտ պետք է նորից հանդես գա դրամաձևով, իբրև դրամակապիտալ, որը դրամաձևից փոխարկվում է աշխատույժի։ Հասարակության ամբողջ շրջավայրում միաժամանակ կողք կողքի վարվող բոլոր ձեռնարկաճյուղերում, սրանք պատկանելիս լինեն I կատեգորիային, թե II-ին, միևնույն է,— փոփոխուն կապիտալը պետք է դրամաձևով կանխավճարվի։ Կապիտալիստը գնում է աշխատույժը՝ նախքան սրա արտադրապրոցեսի մեջ մտնելը, բայց նրան վճարահատուցում է միմիայն պայմանավորված ժամկետներում, այն բանից հետո, երբ աշխատույժն արդեն ծախսվել է սպառարժեքի արտադրության մեջ։ Արդյունքի մնացյալ արժեմասի նման՝ կապիտալիստին է պատկանում նույնի այն մասն էլ, որն աշխատույժի վճարահատուցման համար ծախսված փողի մեկ համարժեքն է միայն, արդյունքի այն արժեմասը, որը փոփոխուն կապիտալարժեքն է ներկայացնում։ Հանձին հենց այս արժեմասի՝ բանվորը կապիտալիստին արդեն մատակարարած է լինում յուր աշխատավարձի համարժեքը։ Բայց ապրանքի հետփոխարկումը դրամի, նրա հենց վաճառքն է, որ կապիտալիստի փոփոխուն կապիտալը վերականգնում է իբրև դրամակապիտալ, որը նա նորից կարող է կանխավճարել աշխատույժ գնելու համար։

Այսպես ուրեմն, I ստորաբաժանման մեջ հավաքական կապիտալիստը 1 000 £ (ես £ եմ ասում՝ սոսկ նշելու համար, որ հիշյալը դրամաձևով արժեք է) = 1 000 v է վճարել բանվորներին I-ի արդյունքի, այսինքն նրանց արտադրած արտսդրամիջոցների այն արժեմասի դիմաց, որն արդեն գոյություն ունի որպես v մաս։ Բանվորներն այս 1 000 £-ով գնում են II ստորաբաժանման կապիտալիստներից միևնույն արժեքի սպառամիջոցներ և այսպիսով II-ի հաստատուն կապիտալի կեսը փոխարկում են դրամի. II-ի կապիտալիստներն իրենց հերթին այս 1 000 £-ով 1 000-անոց արժեք ունեցող արտադրամիջոցներ են գնում I-ի կապիտալիստներից. սրանով փոփոխուն կապիտալարժեքը, որ = է 1 000 v-ի և որն իբրև նրանց արդյունքի մաս գոյություն ուներ արտադրամիջոցների բնաձևով, նրանց համար դարձյալ դրամի է վերածվում և հիմա կարող է I-ի կապիտալիստների ձեռին նորից գործել որպես դրամակապիտալ, որը փոխարկվում է աշխատույժի, ուրեմն արտադրողական կապիտալի ամենից էական տարրի։ Այս ճանապարհով նրանց փոփոխուն կապիտալը դրամաձևով հետ է հոսում նրանց մոտ՝ նրանց ապրանքակապիտալի մի մասի իրացման հետևանքով։

Իսկ ինչ վերաբերում է այն դրամին, որն անհրաժեշտ է I-ի ապրանքակապիտալի m մասը II-ի հաստատուն կապիտալամասի երկրորդ կեսի հետ փոխանակելու համար, ապա նա կարող է տարբեր եղանակով կանխավճարվել։ Իրականում այս շրջանառությունն ընդգրկում է երկու կատեգորիայի կապիտալիստ անհատների առանձին առուծախերի մի անհամար քանակ, ընդվորում սակայն փողը բոլոր պարագաներում պետք է այս կապիտալիստներից դուրս գա, որովհետև մենք բանվորների կողմից շրջանառության մեջ նետված դրամամասսայի հաշիվն արդեն փակեցինք։ Երբեմն կարող է II կատեգորիայի մի կապիտալիստ յուր արտադրողական կապիտալի կողքին առկա յուր դրամակապիտալից վճարելով արտադրամիջոցներ գնել I կատեգորիայի կապիտալիստներից, երբեմն էլ, ընդհակառակը, I կատեգորիայի մի կապիտալիստ յուր անձնական ծախսի, ոչ կապիտալածախսման, համար նախանշված դրամաֆոնդից վճարելով սպառամիջոցներ գնել II կատեգորիայի կապիտալիստներից։ Ինչպես արդեն վերևում ցույց է տրված I ու II բաժնում, որոշ դրամտպաշարներ — լինեն սրանք կապիտալականխավճարման համար, թե հասույթի ծախսման համար, միևնույն է,— պետք է ամեն պարագայում կապիտալիստների ձեռին առկա ենթադրվեն արտադրողական կապիտալի կողքին։ Եթե ենթադրենք, թե — մեր նպատակի համար այս դեպքում բոլորովին նշանակություն չունի համամասնությունը — փողի կեսը կանխավճարում են II—ի կապիտալիստներն իրենց հաստատուն կապիտալի փոխարինման համար արտադրամիջոցներ գնելու, իսկ մյուս կեսը ծախսում են I-ի կապիտալիստներն սպառման համար, ապա հետևյալը կստացվի. II ստորաբաժանումը կանխավճարում է 500 £ և սրանով I-ից գնում է արտադրամիջոցներ. սրա շնորհիվ (ներառյալ վերևի 1 000 £-ը, որ I-ի բանվորներից էր դուրս եկել) II ստորաբաժանումը յուր հաստատուն կապիտալի ¾-ը փոխարինած է լինում in natura [բնեղեն կերպարանքով] I ստորաբաժանումն այս կերպով ստացած 500 £-ով սպառամիջոցներ է գնում II-ից, և սրանով նրա ապրանքակապիտալի այն մասի կեսը, որ կազմված է m-ից, ծրագծած է լինում ա—փ—ա շրջանառությունը, իրացնում է նրա այս արդյունքն՝ սպառաֆոնդի փոխարկելով։ Այս երկրորդ պրոցեսի հետևանքով 500 £-ը վերադառնում է II-ի ձեռն իբրև դրամակապիտալ, որը նա յուր տնօրինության տակ է ունենում յուր արտադրողական կապիտալի կողքին։ Մյուս կողմից՝ I-ը յուր ապրանքակապիտալի՝ որպես արդյունք դեռ յուր մոտ պառկած մնացող m մասի կեսի համար — սրա ծախվելուց առաջ — կանխակայում է 500 £ գումարով դրամածախսումը II-ից սպառամիջոցներ գնելու համար։ II-ը նույն 500 £-ով արտադրամիջոցներ է գնում I-ից և սրանով յուր ամբողջ հաստատուն կապիտալը (1 000 + 500 + 500 = 2 000) փոխարինած է լինում in natura [բնեղեն կերպարանքով], այնինչ I-ը յուր ամբողջ հավելարժեքն իրացրած է լինում՝ սպառամիջոցների փոխարկելով։ Ընդհանուր առմամբ 4 000 £ գումարի հասնող ապրանքների մի փոխանակություն տեղի ունեցած կլիներ 2 000 £-ի մեկ շրջանառությամբ, ընդվորում վերջինիս մեծությունը պայմանավորվում է լոկ նրանով, որ տարեկան ամբողջ արդյունքը մեկ անգամից սակավաթիվ խոշոր բաժիններով փոխանակված է ներկայացվում։ Ընդսմին կարևորն այն հանգամանքն է միայն, որ II-ը ոչ միայն սպառամիջոցների ձևով վերարտադրված յուր հաստատուն կապիտալը նորից փոխարկում է արտադրամիջոցների ձևին, այլև, սրանից զատ, նրա մոտ է վերադառնում այն 500 £-ը, որ արտադրամիջոցների գնման ժամանակ կանխավճարված էր շրջանառության համար, և որ նմանապես I-ն էլ ոչ միայն յուր փոփոխուն կապիտալը, որ վերարտադրել էր արտադրամիջոցների ձևով, էլի ձեռք է բերում դրամաձևով, իբրև դրամակապիտալ, որը նորից ուղղակի փոխարկելի է աշխատույժի, այլև, բացի սրանից, նրա մոտ է հետհոսում այն 500 £-ը, որը նա յուր կապիտալի հավելարժեմասը ծախելուց առաջ կանխակայելով ծախսած է լինում սպառամիջոցներ գնելու վրա։ Բայց հիշյալը հետ է հոսում նրա մոտ ոչ թե արդեն կատարված ծախսման հետևանքով, այլ նրա ապրանքարդյունքի այն մի մասի հետագա վաճառքի շնորհիվ, որը նրա հավելարժեքի կեսի կրիչն է։

Երկու դեպքում էլ ոչ միայն II-ի հաստատուն կապիտալն արդյունաձևից դարձյալ փոխարկվում է արտադրամիջոցների բնաձևին, որով միայն նա կարող է իբրև կապիտալ գործել, նմանապես էլ ոչ միայն I-ի փոփոխուն կապիտալամասը փոխարկվում է դրամաձևի, և I-ի արտադրամիջոցների հավելարժեքային մասը փոխարկվում է սպառելի, որպես հասույթ գործադրելի ձևի, այլև, բացի վերոհիշյալից, դեպի II-ն է հետհոսում այն դրամակապիտալը, որը նա կանխավճարել էր արտադրամիջոցներ գնելու համար՝ նախքան սպառամիջոցների ձևով առկա հաստատուն կապիտալի համապատասխան ու սրան համակշռող մասը ծախելը, և ապա դեպի I-ն է հետհոսում այն 500 £-ը, որը սա anticipando [կանխակայելով] ծախսել է սպառամիջոցներ գնելու համար։ Եթե դեպի II-ը հետ է հոսում յուր ապրանքարդյունքի հաստատուն մասի հաշվին կանխավճարած փողը և դեպի I-ն էլ հետ է հոսում յուր ապրանքարդյունքի մի հավելարժեքային մասի հաշվին կանխավճարած փողը, ապա այս լինում է լոկ այն պատճառով, որ կապիտալիստների մի դասակարգը, բացի II-ի ապրանքաձևով գոյություն ունեցող հաստատուն կապիտալից, մյուսն էլ, բացի I-ի ապրանքաձևով գոյություն ունեցող հավելարժեքից, շրջանառության մեջ է նետել ամեն մեկը 500 £ էլ։ Վերջին հաշվով նրանք լիովին վճարահատուցել են միմյանց՝ իրենց համապատասխան ապրանքահամարժեքները փոխանակելով։ Այն դրամը, որ նրանք իրենց ապրանքների արժեգումարից վեր նետել էին շրջանառության մեջ իբրև այս ապրանքափոխանակության միջոց, նրանց յուրաքանչյուրի մոտ է վերադառնում շրջանառությունից, pro rata [չափի համաձայն, ըստ չափու] դրամի այն բաժնի, որ երկսից ամեն մեկը շրջանառության մեջ էր նետել։ Սրանից նրանք մի պլիկով անգամ ավելի հարուստ չեն դարձել։ II-ն ուներ մի հաստատուն կապիտալ = 2 000՝ սպառամիջոցների ձևով + 500՝ փողով. նա հիմա ունի 2 000 արտադրամիջոցներով ու 500՝ փողով, ինչպես և առաջ. նույնպես էլ I-ը 1 000-անոց մի հավելարժեք ունի առաջվա պես (կազմված ապրանքներից, արտադրամիջոցներից, որոնք հիմա փոխարկվել են սպառաֆոնդի) + 500՝ փողով, ինչպես և առաջ։ Ընդհանուր հետևություն.— այն փողը, որ արդյունաբերական կապիտալիստները շրջանառության մեջ են նետում իրենց սեփական ապրանքաշրջանառությունը միջնորդագործելու համար, լինի սա ապրանքի հաստատուն արժեմասի հաշվին, թե ապրանքներում եղող հավելարժեքի հաշվին, որչափով որ սա իբրև հասույթ է ծախսվում,— համապատասխան կապիտալիստների ձեռքն է վերադառնում այն քանակով, որքան նրանք կանխավճարել էին դրամաշրջանառության համար։

Ինչ վերաբերում է I դասակարգի փոփոխուն կապիտալի՝ դրամաձևին հետփոխարկվելուն, ապա I կապիտալիստների համար՝ հիշյալը, այն բանից հետո, երբ նրանք ծախսել էին աշխատավարձի վրա, ամենից առաջ գոյություն ունի այն ապրանքաձևով, որով բանվորներն այն մատակարարել էին կապիտալիստներին։ Սրանք հիշյալը բանվորներին վճարել են իբրև նրանց աշխատույժի գինը։ Այս իմաստով նրանք վճարահատուցել են իրենց ապրանքարդյունքի այն արժեբաղադրամասը, որը հավասար է դրամով ծախսված այս փոփոխուն կապիտալին։ Այս պատճառով նրանք ապրանքարդյունքի նաև այս մասի տերերն են հենց։ Բայց բանվոր դասակարգի այն մասը, որ I-ի կապիտալիստներն են բանեցնում, բուն իսկ սրանց արտադրած արտադրամիջոցների գնորդը չի ամենևին. նա II-ի արտադրած սպառամիջոցների գնորդն է։ Հետևաբար աշխատույժը վճարահատուցելու ժամանակ փողով կանխավճարած փոփոխուն կապիտալն ուղղակի չի վերադառնում I կապիտալիստներին։ Նա բանվորների գնումների հետևանքով անցնում է կապիտալիստական այն արտադրողների ձեռքը, որոնք բանվորական շրջանին անհրաժեշտ ու ընդհանրապես մատչելի ապրանքներ են պատրաստում, ուրեմն II կապիտալիստների ձեռքը, և լոկ այն ժամանակ, երբ նրանք փողը բանեցնում են արտադրամիջոցներ գնելու վրա, միմիայն այս շրջուղիով է դրամը վերադառնում I կապիտալիստների ձեռը։

Բանից դուրս է գալիս, որ պարզ վերարտադրության ժամանակ I ապրանքակապիտալի v + m արժեգումարը (հետևաբար և ամբողջ ապրանքարդյունքի մի համապատասխան համամասնական բաժինը) պետք է հավասար լինի II դասակարգի ամբողջ ապրանքարդյունքի նույնպես իբրև համամասնական բաժին առանձնացված հաստատուն կապիտալին՝ IIc-ին, կամ I (v + m) = IIc։

IV. ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ։ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐ ՈՒ ՊԵՐՃԱՆՔԱՄԻՋՈՑՆԵՐ

II ստորաբաժանման ապրանքարդյունքի արժեքից մենք հիմա դեռ պետք է հետազոտենք v + m բաղադրամասերը։ Սրանց քննարկումը ոչ մի գործ չունի այն ամենակարևոր հարցի հետ, որը մեզ այստեղ զբաղեցնում է, այն է՝ թե յուրաքանչյուր անհատական կապիտալիստական ապրանքարդյունքի տրոհումը c + v + m-ի, թեկուզ տարբեր երևաձևերով միջնորդագործված, որչափով է վերաբերում տարեկան ամբողջ արդյունքի արժեքին նմանապես։ Այս հարցը լուծվում է մի կողմից՝ I (v + m)-ը IIc-ի հետ փոխանակելով, մյուս կողմից՝ հետագային թողնված այն հետազոտությամբ, թե I-ի տարեկան ապրանքարդյունքի մեջ ինչպես է վերարտադրվում Ic-ն։ Որովհետև II (v + m)-ը գոյություն ունի սպառման առարկաների բնաձևով, որովհետև աշխատույժի վճարահատուցման համար բանվորներին կանխավճարված փոփոխուն կապիտալը հենց բանվորների կողմից պետք է ծախսվի ընդհանրապես ու ամբողջությամբ առած սպառման առարկաների վրա և որովհետև ապրանքների m արժեմասը, պարզ վերարտադրություն ենթադրելու դեպքում, փաստորեն իբրև հասույթ ծախսվում է սպառամիջոցների վրա, ուստի prima facie [հենց առաջին հայացքից] պարզ է, որ II-ի բանվորները II կապիտալիստներից ստացած աշխատավարձով վերագնում են իրենց սեփական արդյունքի մի մասը՝ որպես աշխատավարձ ստացած դրամարժեքի ծավալի համապատասխան։ Սրա հետևանքով II-ի կապիտալիստների դասակարգն աշխատույժի վճարահատուցման համար կանխավճարած յուր դրամակապիտալը հետ է փոխարկում դրամաձևի. բանը բոլորովին նույնն է, որպես կլիներ, եթե նրանք բանվորներին սոսկական արժեդրոշմանիշեր վճարեին։ Հենց որ բանվորներն այս արժեդրոշմանիշերն իրացնում են իրենց արտադրած ու կապիտալիստներին պատկանող ապրանքարդյունքի մի մասը գնելով, այս արժեդրոշմանիշերը վերադառնում են կապիտալիստների ձեռը. միայն թե այստեղ դրոշմանիշերը ոչ միայն արժեք են ներկայացնում, այլև օժտված են սրա ոսկյա կամ թե արծաթյա մարմնավորությամբ։ Դրամաձևով կանխավճարված փոփոխուն կապիտալի հետհոսման այս տեսակն այն պրոցեսի շնորհիվ, որում բանվոր դասակարգը հանդես է գալիս իբրև գնորդ, իսկ կապիտալիստների դասակարգը որպես վաճառորդ,— մենք հետո ավելի մանրամասն կհետազոտենք։ Բայց այստեղ բանը վերաբերում է մի ուրիշ կետի, որը պետք է քննարկել փոփոխուն կապիտալի՝ յուր ելակետին այսպես վերադառնալու կապակցությամբ։

Տարեկան ապրանքարտադրության II կատեգորիան բաղկացած է ամենաբազմազան արդյունաբերաճյուղերից, որոնք սակայն — իրենց արդյունքների տեսակետից — կարող են տրոհվել երկու խոշոր ենթաբաժնի։

a) Այնպիսի սպառամիջոցներ, որոնք մտնում են բանվոր դասակարգի սպառման մեջ և, որչափով որ նրանք անհրաժեշտ կենսամիջոցներ են, թեև հենց հաճախ ըստ որակի ու արժեքի տարբեր են բանվորների սպառամիջոցներից,— կազմում են նաև կապիտալիստների դասակարգի սպառման մի մասը։ Մեր նպատակի համար մենք կարող ենք այս ամբողջ ենթաբաժինն ընդգրկել անհրաժեշտ սպառամիջոցների ռուբրիկայի տակ, ընդվորում ամենևին նշանակություն չունի, թե մի այսպիսի արդյունք, օրինակ, ծխախոտը, բնախոսական տեսակետից մեկ անհրաժեշտ սպառամիջոց է, թե ոչ, բավական է, որ նա ըստ սովորության մի այսպիսին համարվում է։

b) Պերճանքի սպառամիջոցներ, որոնք միմիայն կապիտալիստների դասակարգի սպառման մեջ են մտնում, հետևաբար փոխանակվել կարող են ծախսվող հավելարժեքի հետ միայն, որը երբեք բանվորին բաժին չի ընկնում։ Առաջին ռուբրիկայի դեպքում պարզ է, որ նրան պատկանած ապրանքատեսակների արտադրության համար կանխավճարված փոփոխուն կապիտալը պետք է դրամաձևով ուղղակի հետհոսի դեպի II-ի կապիտալիստների դասակարգի այն մասը, որն այս անհրաժեշտ կենսամիջոցներն է արտադրում (ուրեմն դեպի IIa կապիտալիստները)։ Այս կապիտալիստները հիշյալները ծախում են իրենց սեփական բանվորներին՝ իբրև աշխատավարձ սրանց վճարված փոփոխուն կապիտալի գումարի չափով։ II-ի կապիտալիստների դասակարգի a ենթաբաժնի վերաբերմամբ այս հետհոսումն ուղղակի է, որքան էլ որ բազմաթիվ լինեն մասնակցող տարբեր արդյունաբերաճյուղերի կապիտալիստների միջև տեղի ունեցող այն գործարքները, որոնցով pro rata [չափի համաձայն, ըստ չափու] բաշխվում է այս հետհոսող փոփոխուն կապիտալը։ Սրանք շրջանառության այնպիսի պրոցեսներ են, որոնց շրջանառության միջոցներն ուղղակի բանվորներն են մատակարարում՝ իրենց ստացած փողը ծախսելով։ Իսկ IIb ենթարաժնի վերաբերմամբ բանը միանգամայն ուրիշ է։ Արժեքային արդյունքի այն ամբողջ մասը, որի հետ մենք գործ ունենք այստեղ, IIb (v + m)-ը գոյություն ունի պերճանքառարկաների բնաձևով, այսինքն այնպիսի առարկաների, որ բանվոր դասակարգը չի կարող գնել ճիշտ այնպես, ինչպես չի կարող գնել արտադրամիջոցների ձևով գոյություն ունեցող Iv ապրանքարժեքը, չնայած որ այս պերճանքամիջոցներն, ինչպես և այն արտադրամիջոցները բանվորների արդյունքներն են։ Այսպիսով ուրեմն այն հետհոսոմն, որով այս ենթաբաժնում կանխավճարված փոփոխուն կապիտալը կապիտալիստական արտադրողներին է վերադառնում յուր դրամաձևով, չի կարող ուղղակի լինել, այլ պետք է միջնորգագործված լինի, ինչպես Iv-ի դեպքում։

Վերևինի նման, օրինակ, ընդունենք ամբողջ II դասակարգի համար, v = 500, m = 500, բայց փոփոխուն կապիտալն ու սրան համապատասխան հավելարժեքը թող բաշխված լինեն հետևյալ կերպով.

a ենթաբաժին. անհրաժեշտ կենսամիջոցներ՝ v = 400, m = 400, ուրեմն անհրաժեշտ սպառամիջոցների ձևով մի ապրանքամասսա 400 v + 400 m = 800 արժեքով, կամ

IIa (400 v + 400 m)։

b ենթաբաժին. պերճանքամիջոցներ՝ 100 v + 100 m = 200 արժեքով, կամ

II b (100 v + 100 m)։

IIb-ի բանվորներն, իբրև իրենց աշխատույժի վճար, փողով ստացել են 100, ասենք թե, 100 £. նրանք սրանով IIa կապիտալիստներից սպառամիջոցներ են գնում 100-անոց գումարի չափով։ Կապիտալիստների այս դասակարգը նույնով 100-ի ապրանք է գնում IIb-ից, որով IIb կապիտալիստների մոտ է հետ հոսում նրանց փոփոխուն կապիտալը դրամաձևով։

IIa ենթաբաժնում իրենց սեփական բանվորների հետ արած փոխանակության հետևանքով կապիտալիստների ձեռին արդեն կա 400 v էլի դրամաձևով. բացի սրանից, նրանց արդյունքի՝ հավելարժեք ներկայացնող մասի մեկ չորրորդ մասն անցել է IIb բանվորներին և սրա դիմաց կորզվել է IIb (100 v) պերճանքի ապրանքներով։

Արդ, եթե մենք IIa ու IIb կապիտալիստների մոտ ենթադրենք հասութածախսման նույնանման համամասնական տրոհում անհրաժեշտ կենսամիջոցների ու պերճանքամիջոցների — ընդունենք, որ երկուսն էլ [math]^3/_5[/math]-ական ծախսում են անհրաժեշտ կենսամիջոցների վրա, [math]^2/_5[/math]-ը՝ պերճանքամիջոցների վրա, ապա IIa ենթադասակարգի կապիտալիստներն իրենց 400 m հավելարժեքային հասույթի [math]^3/_5[/math]-ը, ուրեմն 240 կծախսեն իրենց սեփական արդյունքների, անհրաժեշտ կենսամիջոցների վրա, իսկ [math]^2/_5[/math]-ը որ = 160, պերճանքամիջոցների վրա։ IIb ենթադասակարգի կապիտալիստներն իրենց հավելարժեքը, որ = 100 m, կբաժանեն նույն կերպ, այն է` [math]^3/_5[/math] = 60` անհրաժեշտ սպառամիջոցների համար ու [math]^2/_5[/math] = 40՝ պերճանքամիջոցների. այս վերջիններս արտադրվում և փոխանակվում են հենց իրենց սեփական ենթադասակարգի սահմաններում։

160 պերճանքամիջոցը, որ ստանում է (IIa)m-ը, հոսում է IIa կապիտալիստների մոտ հետևյալ կերպով. (IIa) 400 m-ից, ինչպես տեսանք, 100-ն անհրաժեշտ կենսամիջոցների ձևով փոխանակվում է նույնահավասար գումարով (IIb)v-ի հետ, որը գոյություն ունի որպես պերճանքամիջոցներ, իսկ մնացած 60-ն անհրաժեշտ կենսամիջոցների ձևով փոխանակվում է իբրև պերճանքամիջոցներ գոյություն ունեցող (IIb)60m-ի հետ։ Այն ժամանակ ամբողջ հաշիվը լինում է այսպես.

IIa՝ 400 v + 400 m, և IIb՝ 100 v + 100 m։

1) 400v(a)-ն ուտում են IIa բանվորները, որոնց արդյունքի (անհրաժեշտ կենսամիջոցների) մի մասն է կազմում հիշյալը. բանվորներն այս գնում են իրենց սեփական ստորաբաժանման կապիտալիստական արտադրողներից։ Սրա հետևանքով սրանց է վերադառնում 400 £ փողը, սրանց 400-անոց փոփոխուն կապիտալարժեքը, որն իբրև աշխատավարձ վճարել էին նույն բանվորներին. սրանով այն կապիտալիստները նորից կարող են աշխատույժ գնել։

2) 400m(a)-ի մի մասը որ հավասար է 100v (b)-ին, իբրև (a) հավելարժեքի ¼, փոխարկվելով պերճանքառարկաների՝ իրացվում է հետևյալ կերպով. (b) բանվորներն իրենց (b) ստորաբաժանման կապիտալիստներից ստացել են իբրև աշխատավարձ 100 £. նրանք սրանով գնում են m(a)-ի ¼-ը, այսինքն այնպիսի ապրանքներ, որոնք գոյություն ունեն անհրաժեշտ կենսամիջոցների ձևով. a-ի կապիտալիստներն այս փողով գնում են միևնույն արժեգումարի պերճանքի առարկաներ = 100v(b), այսինքն ամբողջ պերճանքարտադրության մի կեսը։ Այսպիսով b կապիտալիստներին է վերադառնում նրանց փոփոխուն կապիտալը դրամաձևով, և նրանք աշխատույժի գնումը նորոգելով կարող են նորից սկսել իրենց վերարտադրությունը, որովհետև II-ի բոլոր դասակարգի ամբողջ հաստատուն կապիտալն արդեն փոխարինվել է՝ I (v + m)-ն IIc-ի հետ փոխանակելու հետևանքով։ Հետևաբար պերճանքաբանվորների աշխատույժը նորից կարող է ծախվել այն հանգամանքի շնորհիվ միայն, որ նրանց սեփական արդյունքի այն մասը, որ նրանք արտադրել են իբրև իրենց աշխատույժի համարժեք, IIa կապիտալիստների կողմից վերցվելով մտցվում է սրանց սպառաֆոնդի մեջ, ծախծխվում է։ (Միևնույնը վերա բերում է I-ի ռուբրիկայում աշխատույժի վաճառքին էլ. որովհետև IIc-ն, որի հետ փոխանակվում է I (v + m)-ը, բաղկացած է թե՛ պերճանքամիջոցներից ու թե՛ անհրաժեշտ կենսամիջոցներից, և այն, որը նորացվում է I (v + m)-ի միջոցով, թե՛ պերճանքամիջոցների արտադրամիջոցներ ու թե՛ անհրաժեշտ կենսամիջոցների արտադրամիջոցներ է կորզում։)

3) Հիմա մենք գալիս ենք a-ի ու b-ի միջև կատարվող փոխանակությանը, որչափով որ սա երկու ստորաբաժանման կապիտալիստների փոխանակություն է լոկ։ Մինչև այժմ ասածով մենք պրծել ենք a ենթաբաժնի փոփոխուն կապիտալից (400 v) ոլ հավելարժեքի մի մասից (100 m) և b ենթաբաժնի փոփոխուն կապիտալից (100 v)։ Այնուհետև մենք երկու դասակարգում, I-ում ու II-ում էլ, իբրև կապիտալիստական հասութածախսման միջին համամասնություն ընդունում ենք պերճանքի համար [math]^2/_5[/math] ու անհրաժեշտ կենսապահանջմունքների համար [math]^3/_5[/math]։ Ուստի բացի պերճանքի վրա արդեն ծախսած 100-ից, պերճանքի համար ամբողջ a ենթադասանկարգին դեռ մնում է 60, և միևնույն հարաբերությամբ, այսինքն 40-ն էլ՝ b ենթադասակարգին։

Ուրեմն (IIa) m-ը բաշխվում է այսպես. 240՝ կենսամիջոցների համար, ու 100՝ պերճանքամիջոցների համար = 240 + 160 = 400 m (IIa)։

(IIb) m-ը բաշխվում է այսպես. 60՝ կենսամիջոցների համար, ու 40՝ պերճանքի համար. 60 + 40 = 100 m (IIb)։ Վերջին 40-ն այս դասակարգն սպառում է յուր սեփական արդյունքից (յուր հավելարժեքի [math]^2/_5[/math]-ը) վերցնելով. կենսամիջոցների 60-ն ստանում է նրանով, որ յուր հավելարդյունքի 60-ը փոխանակում է 60 m (a)-ի հետ։

Այսպիսով ուրեմն, մենք II-ի կապիտալիստների ամբողջ դասակարգի համար ունենում ենք հետևյալը (ընդվորում a ստորաբաժանման մեջ v + m-ը գոյություն ունի անհրաժեշտ կենսամիջոցների ձևով, b-ում՝ պերճանքամիջոցների ձևով).

IIa (400 v + 400 m) + IIb (100 v + 100 m) = 1 000. շարժման հետևանքով իրացվում է այսպես. 500 v (a + b) [իրացվում է՝ փոխարկվելով 400 v (a)-ի ու 100 m (a)-ի] + 500 m (a + b) [իրացվում է փոխարկվելով 300 m (a)-ի + 100 v (b)-ի + 100 m (b)-ի] = 1 000։

a-ի ու b-ի համար, յուրաքանչյուրն ըստինքյան քննած, ստանում ենք հետևյալ իրացումը.

a) [math]\frac{v}{400 \ v \ (a)} + \frac{m}{240 \ m \ (a) \ + \ 100 \ v \ (b) \ + \ 60 \ m \ (b)}[/math] = 800

b) [math]\frac{v}{100 \ m \ (a)} + \frac{m}{60 \ m \ (a) \ + \ 40 \ m \ (b) \ + \ 60 \ m \ (b)}[/math] = [math]\frac{200}{1 \ 000}[/math]

Եթե մենք պարզության համար փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև միևնույն հարաբերությունը պահենք (մի բան, որ, ի դեպ, ամենևին անհրաժեշտ չի), ապա 400 v (a)-ին կգա մի հաստատուն կապիտալ = 1 600, իսկ 100 v (b)-ին՝ մի հաստատուն կապիտալ = 400, և մենք II-ի համար կունենանք հետևյալ a ու b ստորաբաժանումները.

IIa) 1 600 c + 400 v + 400 m = 2 400

IIb) 400 c + 100 v + 100 m = 600,

և ընդամենը՝

2 000 c + 500 v + 500 m = 3 000։

Սրա համապատասխան էլ սպառամիջոցների ձևով եղած 2 000 IIc-ից, որը փոխանակվում է 2 000 I (v + m)-ի հետ, 1 600-ը փոխարկվում են անհրաժեշտ կենսամիջոցների արտադրամիջոցների, իսկ 400-ը՝ պերճանքամիջոցների արտադրամիջոցների։

Այսպիսով ուրեմն, 2 000 I (v + m)-ն ինքը կտրոհվեր (800 v + 800 m) I-ի, որ նախանշված է a-ի համար = 1 600՝ անհրաժեշտ կենսամիջոցների արտադրամիջոցներ, ու (200 v + 200 m) I-ի, որ նախանշված է b-ի համար 400՝ արտադրամիջոցներ պերճանքամիջոցների համար։

Ոչ միայն բուն աշխատամիջոցների, այլ է հումքերի ու օժանդակ նյութերի մի նշանավոր մասը երկու ստորաբաժանման համար էլ նույնատեսակ է։ Իսկ ինչ վերաբերում է ամբողջ I (v + m) արդյունքի տարբեր արժեմասերի փոխանակվելուն, ապա այս բաժանումն ամենևին նշանակություն չէր ունենա։ Ինչպես վերոհիշյալ 800 Iv-ն, այնպես էլ 200 Iv-ն իրացվում են այն հանգամանքի հետևանքով, որ աշխատավարձը ծախսվում է 1 000 IIc սպառամիջոցների վրա, ուրեմն նույնի համար կանխավճարված դրամակապիտալը վերադարձի ժամանակ միակերպ բաշխվում է I-ի կապիտալիստական արտադրողների միջև, pro rata [չափի համաձայն, ըստ չափու] նրանց կանխավճարած փոփոխուն կապիտալի՝ դարձյալ նրանց է փոխհատուցվում փողով. մյուս կողմից, ինչ վերաբերում է 1 000 Im-ի իրացմանը, ապա այս դեպքում էլ կապիտալիստները միակերպ (իրենց m-ի մեծության համապատասխան) բաժիններ կկորզեն IIc-ի բոլոր երկրորդ կեսից = 1 000, այն է՝ 600 IIa ու 400 IIb սպառամիջոցների ձևով. հետևաբար այն բաժինները, որոնք IIa-ի հաստատուն կապիտալն են փոխհատուցում, սրանք են.

480-ը ([math]^3/_5[/math])՝ 600 c (IIa)-ից, ու 320-ը ([math]^2/_5[/math]-ը)՝ 400 c (IIb)-ից = 800. այն բաժինները, որոնք IIb-ի հաստատուն կապիտալն են փոխհատուցում, սրանք են.

120-ը ([math]^3/_5[/math])՝ 600 c (IIa)-ից, ու 80-ը ([math]^2/_5[/math]-ը)՝ 400 c (IIb)-ից = 200։ Գումարը = 1 000։

Ինչպես I-ի, այնպես էլ II-ի վերաբերմամբ այստեղ կամայականը փոփոխուն կապիտալի՝ հաստատունի նկատմամբ ունեցած հարաբերությունն է, այլ և այս հարաբերության նույնությունն I-ի և II-ի համար ու սրանց ենթաբաժինների համար։ Գալով այս նույնությանը՝ սա միմիայն պարզեցման համար է ընդունված այստեղ, և տարբեր հարաբերություն ընդունելը բացարձակորեն չէր փոխի ոչ առեղծվածի պայմաններն ու ոչ էլ սրա լուծումը։ Պարզ վերարտադրություն ենթադրելիս իբրև անհրաժեշտ հետևանք ստացվում է այն,

1) որ տարեկան աշխատանքի այն արժեքային նոր արդյունքը (սա տրոհվում է v + m-ի) որ ստեղծվում է արտադրամիջոցների բնաձևով, հավասար է տարեկան աշխատանքի ուրիշ մասով պատրաստված այն արդյունարժեքի հաստատուն կապիտալարժեքին, որը վերարտադրված է սպառամիջոցների ձևով։ Եթե նա ավելի փոքր լիներ IIc-ից, ապա II-ը լիովին չէր կարող փոխարինել յուր հաստատուն կապիտալը. եթե նա ավելի մեծ լիներ, ապա մի ավելցուկ ընկած կմնար առանց օգտագործվելու։ Երկու դեպքում էլ ենթադրությունը պարզ վերարտադրությունը — կխախտվեր.

2) որ սպառամիջոցների ձևով վերարտադրված տարեկան արդյունքի դեպքում v փոփոխուն կապիտալը, որ կանխավճարվել է դրամաձևով, նրա ստացողների կողմից, որչափով որ սրանք պերճանքաբանվորներ են, կարող է իրացվել՝ փոխարկվելով անհրաժեշտ կենսամիջոցների լոկ այն մասին, որը սրանց կապիտալիստական արտադրողների հավելարժեքն է մարմնացնում prima facie [առաջին հայացքից]. որ հետևաբար այն v-ն, որը ծախսված է պերճանքարտադրության մեջ, հավասար է անհրաժեշտ կենսամիջոցների ձևով արտադրված m-ի մի մասին, որը յուր արժեծավալով համապատասխան է նրան, ուրեմն հիշյալ v-ն պետք է այս ամբողջ m-ից, այն է (IIa)m-ից, փոքր լինի, և որ հիշյալ v-ի՝ m-ի այս մասին փոխարկվելով իրացվելու շնորհիվ է, որ պերճանքառարկաների կապիտալիստական արտադրողներին է վերադառնում նրանց կանխավճարած փոփոխուն կապիտալը դրամաձևով։ Այս մի բոլորովին համանման երևույթ է, ինչպես I (v + m)-ի իրացումը՝ IIc-ի փոխարկվելով. միայն թե երկրորդ դեպքում (IIb)v-ն իրանում է՝ փոխարկվելով (II a)m-ի մի այնպիսի մասի, որն ըստ արժեծավալի հավասար է (IIb)v-ին։ Այս հարաբերությունները որակապես վճռող են մնում տարեկան ամբողջ արդյունքի յուրաքանչյուր բաշխման ժամանակ որչափով որ այս արդյունքն իրոք մտնում է շրջանառությամբ միջնորդագործված տարեկան վերարտադրության պրոցեսի մեջ։ I (v + m)-ը կարող է իրացվել միմիայն IIc-ի փոխարկվելով, ինչպես որ IIc-ն էլ յուր իբրև արտադրողական կապիտալի բաղադրամասի ֆունկցիայում կարող է նորացվել այս իրացմամբ միայն. նմանապես (IIb)v-ն կարող է իրացվել միմիայն (IIa)m-ի մեկ մասին փոխարկվելով, և (IIb)v-ն էլ միմիայն այս ճանապարհով կարող է հետփոխարկվել յուր իբրև դրամակապիտալի ձևին։ Ըստինքյան հասկանալի է, այս ասածս յուր նշանակությունը պահպանում է լոկ այն չափով, որչափով այս ամենը բուն իսկ վերարտադրապրոցեսի մի հետևանք է իսկապես, ուրեմն որչափով որ, օրինակ, IIb կապիտալիստները v-ի համար դրամակապիտալ ուրիշ տեղից չեն վերցնում վարկով։ Իսկ ընդհակառակը, քանակապես վերցրած՝ տարեկան արդյունքի տարբեր մասերի փոխանակումները կարող են տեղի ունենալ լոկ այնպիսի համամասնությամբ, ինչպես վերևումն է շարադրված, որչափով որ արտադրության մասշտաբն ու արժեհարաբերությունները կայուն են մնում և որչափով այս որոշակի հարաբերությունները չեն այլափոխվում արտաքին առևտրի ներգործությամբ։

Արդ, եթե Ա. Սմիթի պես ասում էին, թե I (v + m)-ը հանգում է IIc-ի, և IIc-ն հանգում I (v + m)-ի կամ, ինչպես նա հաճախ ու է՛լ ավելի անհեթեթ բարբառում է, թե I (v + m)-ը կազմում է IIc-ի գնի (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արժեքի, նա ասում է value in exchange) բաղադրամասերը, իսկ IIc-ն կազմում է I (v + m)-ի ամբողջ բաղադրամասը, ապա կարող էին ասել և պետք է ասեին նույնպես, թե (IIb)v-ն հանգում է (IIa)m-ին, կամ (IIa)m-ը (IIb)v-ին, կամ (IIb)v-ն կազմում է IIa հավելարժեքի մի բաղադրամասը, և vice versa [ընդհակառակը]. այսպիսով հավելարժեքը կհանգեր աշխատավարձին, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] փոփոխուն կապիտալին, իսկ փոփոխուն կապիտալը հավելարժեքի մի «բաղադրամասը» կկազմեր։ Այս անհեթեթությունն այս չափով իրոք գտնվում է Ա. Սմիթի մոտ, ընդվորում նա աշխատավարձը որոշում է անհրաժեշտ կենսամիջոցների արժեքով, իսկ այս ապրանքարժեքներն էլ նա դարձյալ որոշում է նրանց մեջ պարունակված աշխատավարձի (փոփոխուն կապիտալի) ու հավելարժեքի արժեքով։ Սմիթն այնքան է կլանված այն կոտորակամասերով, որոնց որ կարող է տրոհվել մի աշխատօրվա արժեքային արդյունքը կապիտալիստական պատվանդանի վրա,— այն է՝ կարող է տրոհվել v + m-ի,— որ բոլորովին մոռանում է, թե պարզ ապրանքափոխանակության ժամանակ ամենևին նշանակություն չունի այն, թե տարբեր բնաձևով գոյություն ունեցող համարժեքներն արդյոք վճարվա՞ծ, թե՞ անվճար աշխատանքից են կազմված, որովհետև երկու դեպքումն էլ նրանք իրենց արտադրության համար ծախսված նույնքան աշխատանք են նստում. և որ նշանակություն չունի նմանապես այն, թե A-ի ապրանքը մի արտադրամիջոց է, իսկ B-ինը՝ մի սպառամիջոց է, և թե ծախվելուց հետո մի ապրանքը պետք է իբրև կապիտալաբաղադրամաս գործի, իսկ մյուսն, ընդհակառակը, մտնում է սպառաֆոնդի մեջ և secundum Adam [Ադամի հայեցակետով] այն սպառվում է իբրև հասույթ։ Այն գործադրությունը, որ անհատական գնորդը տալիս է յուր ապրանքին, չի վերաբերում ապրանքափոխանակությանը, շրջանառության ոլորտին և չի շոշափում ապրանքի արժեքը։ Այս կետն ամենևին չի փոխվում այն հանգամանքի հետևանքով, որ տարեկան հասարակական ամբողջ արդյունքի շրջանառությունը վերլուծելիս պետք է ուշադրության առնվի հիշյալ արդյունքի տարբեր բաղադրամասերի գործադրման որոշ նախանշումը, սպառման մոմենտը։

(IIb)v-ի՝ (IIa)m-ի մի հավասարարժեք մասի հետ փոխանակվելու ժամանակ, որը հավաստեցինք վերևում, և (IIa)m-ի ու (IIb)m-ի միջև կատարվող հետագա փոխանակությունների դեպքում բոլորովին չի ենթադրվում, թե IIa-ի ու IIb-ի կապիտալիստները — լինեն սրանք առանձին կապիտալիստներ, թե սրանց՝ համապատասխան հավաքական ամբողջություններ — իրենց հավելարժեքը միևնույն համամասնությամբ են բաժանում սպառման անհրաժեշտ առարկաների ու պերճանքամիջոցների միջև։ Մեկը կարող է ավելի շատ ծախսել այս սպառման վրա, մյուսն ավելի շատ ծախսի մեկելի վրա։ Պարզ վերարտադրության հողի վրա լոկ այն է ենթադրվում, թե փոխարկվելով սպառաֆոնդի՝ իրացվում է մի արժեգումար, որը հավասար է ամբողջ հավելարժեքին։ Այսպիսով ուրեմն սահմանները տրված են։ Յուրաքանչյուր ստորաբաժանման շրջանակում մեկը կարող է ավելի մխսել a-ի վրա, մյուսն ավելի՝ b-ի վրա. բայց սրանք կարող են փոփոխակի համակշռել իրար, այնպես որ կապիտալիստների a ու b դասակարգերն, իբրև ամբողջություն վերցրած, երկսին էլ միևնույն համամասնությամբ են մասնակցում։ Բայց ամեն մի կոնկրետ դեպքում անհրաժեշտորեն տրված են լինում արժեհարաբերությունները — այն համամասնական բաժինները, որ արտադրողների երկու a ու b տեսակն ունենում են II արդյունքի ամբողջ արժեքի մեջ — ուրեմն տրված է լինում նաև այն արտադրաճյուղերի միջև եղած մի որոշ քանակային հարաբերությունը, որոնք մատակարարում են հիշյալ արդյունքները. միայն թե այն հարաբերությունը, որը կերպակայվում է ինչպես օրինակ, մի վարկածային հարաբերություն է. եթե ընդունվի մի ուրիշ հարաբերություն, ապա որակական մոմենտը չի փոխվի բոլորովին. կփոխվեն քանակային նախանշումները միայն։ Իսկ եթե այս կամ այն պարագայի հետևանքով մեկ իրական փոփոխություն կատարվեր a-ի ու b-ի համամասնական մեծության մեջ, ապա համապատասխանորեն կփոփոխվեին պարզ վերարտադրության պայմաններն էլ։



Այն հանգամանքից, որ (IIb)v-ն իրացվում է՝ փոխարկվելով (IIa)m-ի մեկ համարժեքային մասի, հետևում է, թե այն հարաբերությամբ, որով աճում է տարեկան արդյունքի պերճանքամասը, որով ուրեմն աշխատույժի մի շատացող բաժին է կլանվում պերճանքարտադրության մեջ — թե միևնույն հարաբերությամբ էլ (IIb)v-ի համար կանխավճարված փոփոխուն կապիտալի հետփոխարկումը դրամակապիտալի, որը նորից գործում է իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև, իսկ սրա հետ էլ բանվոր դասակարգի՝ IIb-ում զբաղված մասի գոյությունն ու վերարտադրությանը — անհրաժեշտ կենսամիջոցների նրանց արվող առաջարկը,— պայմանավորվում է կապիտալիստների դասակարգի շռայլմամբ, նրա հավելարժեքի մի նշանավոր մասի՝ պերճանքառարկաների փոխարկվելով։

Ամեն մի ճգնաժամ րոպեապես քնացնում է պերճանքասպառումը. նա դանդաղեցնում, ձգձգում է (IIb)v-ի հետփոխարկումը դրամակապիտալի, նա այս հետփոխարկումը թուլատրում է լոկ մասնակիորեն և սրանով էլ պերճանքաբանվորների մի մասին շպրտում է փողոց, այնինչ մյուս կողմից՝ անհրաժեշտ սպառամիջոցների վաճառքը նա հենց այսպիսով արգելակում է և պակասեցնում։ Մենք դեռ ամբողջովին մի կողմ ենք թողնում միաժամանակ արձակված անարտադրողական բանվորներին, որոնք իրենց ծառայության դիմաց կապիտալիստներից ստանում են պերճանքածախսման մի մասը (այս բանվորներն իրենք pro tanto [այնքանով էլ, ըստ այնմ էլ] պերճանքառարկաներ են հենց, և որոնք շատ մեծ չափով մասնակցում են նաև անհրաժեշտ կենսամիջոցների և այլոց սպառմանը հատկապես։ Ընդհակառակն է ծաղկման պարբերաշրջաններում և մանավանդ նրանց չարաշահական փթթման ժամանակաշրջանում, երբ արդեն ուրիշ պատճառներից ընկնում է դրամի հարաբերական, ապրանքներում արտահայտված արժեքը (առանց իսկական ուրիշ արժեհեղափոխության), հետևաբար ապրանքների գինը բարձրանում է՝ անկախ նրանց սեփական արժեքից։ Ոչ միայն անհրաժեշտ կենսամիջոցների սպառումն է շատանում. բանվոր դասակարգը (որի մեջ հիմա գործունորեն մտնում է ամբողջ պահեստաբանակը) ժամանակավորապես մասնակցում է այլ դեպքերում իրեն անմատչելի պերճանքառարկաների սպառմանը, բացի սրանից նաև սպառման անհրաժեշտ առարկաների այն խմբի սպառմանը, որը մեծ մասամբ լոկ կապիտալիստների դասակարգի համար է «անհրաժեշտ» կենսամիջոց կազմում սովորաբար, մի հանգամանք, որ յուր հերթին գների բարձրացում է առաջ բերում։

Մի զուտ նույնաբանություն է ասելը, թե ճգնաժամերն առաջ են գալիս վճարունակ սպառման կամ թե վճարունակ սպառորդների պակասությունից։ Կապիտալիստական սիստեմը, բացի վճարող սպառումից, սպառման ուրիշ տեսակներ չի ճանաչում, չհաշված sub forma pauperis [չքավորի ձև ունեցող] տեսակը կամ թե «սրիկաներ» տեսակը։ Որ ապրանքները մնում են չծախված, այս ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ նրանց համար վճարունակ գնորդ, ուրեմն սպառորդ չի ճարվում (ուզում է՝ ապրանքները վերջին հաշվով գնվելիս լինեն արտադրողական, թե անհատական սպառման համար, միևնույն է)։ Իսկ երբ այս նույնաբանությանն ուզում են ավելի խորունկ հիմնավորման երևութքը տալ նրանով, որ ասում են, թե բանվոր դասակարգը յուր սեփական արդյունքի շատ փոքր մասն է ստանում, և չարիքը կդարմանվի նրանով, հենց որ բանվոր դասակարգը մի ավելի մեծ բաժին ստանա յուր սեփական արդյունքից, հետևաբար նրա աշխատավարձն աճի,— ապա պետք է միմիայն նշել, որ ճգնաժամերը յուրաքանչյուր անգամ նախապատրաստվում են հենց ճիշտ մի այնպիսի պարբերաշրջանում, երբ աշխատավարձն ընդհանրական ծավալով բարձրանում է, և բանվոր դասակարգն իրապես մի ավելի մեծ բաժին է ստանում տարեկան արդյունքի այն մասից, որ նախանշված է սպառման համար։ Հիշյալ պարբերաշրջանը — մարդկային առողջ ու «պարզ» (!) հասկացողության այս ասպետի տեսակետից — պետք է, ընդհակառակը, հեռացներ ճգնաժամը։ Այսպիսով երևում է, որ կապիտալիստական արտադրությունը յուր մեջ պարփակում է բարի կամ թե չար կամքից անկախ պայմաններ, որոնք բանվոր դասակարգի հիշյալ հարաբերական բարեկեցությունը թուլատրում են լոկ ժամանակավորապես և այն էլ միշտ իբրև մեկ ճգնաժամի մրրկահավ միայն։[14]

Տեսանք առաջ, թե ինչպես այն համամասնական հարաբերությունը, որ կար անհրաժեշտ սպառամիջոցների արտադրության ու պերճանքի արտադրության միջև, պայմանավորում էր II (v + m)-ի բաժանումը IIa-ի ու IIb-ի միջև, ուրեմն և IIc-ինը՝ (IIa)c-ի ու (IIb)c-ի միջև։ Հետևաբար այս բաժանումն արմատական նշանակություն ունի արտադրության բնույթի ու քանակային հարաբերությունների համար և նրա ամբողջ կերպարանավորման մի էապես որոշիչ մոմենտն է։

Պարզ վերարտադրությունն ըստ էության ուղղված է սպառմանն իբրև նպատակի, թեև հավելարժեքի ստացումն է հանդես գալիս որպես անհատական կապիտալիստների մղիչ դրդապատճառ. բայց հավելարժեքը — ինչ էլ որ լինի սրա համամասնական մեծությունը — պետք է այստեղ վերջիվերջո ծառայի կապիտալիստի անհատական սպառման համար միայն։

Որչափով որ պարզ վերարտադրությունը նաև յուրաքանչյուր տարեկան ընդլայնված մասշտաբով վերարտադրության մասն է և ամենանշանավոր մասը, հիշյալ դրդապատճառը մնում է՝ ուղեկցելով և հակադրվելով հարստացման, իբրև այսպիսու, դրդապատճառին։ Իրականում բանն ավելի խառնահյուսված է երևան գալիս, որովհետև ավարի — կապիտալիստի հավելարժեքի — մասնակիցները (partners) հանդես են ելնում որպես կապիտալիստից անկախ սպառորդներ։

V. ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԳՈՐԾՈՒՄԸ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ

Մինչև հիմա որքան որ շարադրել ենք, արտադրողների տարբեր դասակարգերի միջև շրջանառությունն ընթանում էր հետևյալ սխեմայի համաձայն։

1) I դասակարգի ու II դասակարգի միջև.

I. 4 000 c + 1 000 v + 1 000 m
II. 2 000 c + 500 v + 500 m։

Այսպիսով ուրեմն ավարտվում, պրծնում է շրջանառությունը IIc-ի = 2 000-ի, որը փոխանակվում է I (1 000 v + 1 000 m)-ի հետ։

Որովհետև 4 000 Ic-ն մենք առայժմ մի կողմ ենք թողնում, ուստի դեռ մնում է v + m-ի շրջանառությունը II դասակարգի շրջանակում։ Արդ, II (v + m)-ը բաշխվում է IIa ու IIb ենթադասակարգերի միջև այսպես.

2) II. 500 v + 500 m = a (400 v + 400 m) + b (100 v + 100 m)։

400 v (a)-ն շրջանառում է յուր սեփական ենթադասակարգի սահմաններում. նրանով վարձատրված բանվորները հենց իրենց արտադրած անհրաժեշտ կենսամիջոցներ են հիշյալով գնում իրենց բանեցնողներից, IIa կապիտալիստներից։

Որովհետև երկու ենթադասակարգի էլ կապիտալիստներն իրենց հավելարժեքի [math]^3/_5[/math]-ականը ծախսում են IIa-ի արդյունքների (անհրաժեշտ կենսամիջոցների վրա, իսկ [math]^2/_5[/math]-ը՝ IIb-ի արդյունքների (պերճանքամիջոցների) վրա, ուստի a-ի հավերարժեքի [math]^3/_5[/math]-ը, ուրեմն 240-ը, հենց IIa ենթադասակարգի շրջանակումն է սպառվում. նույնպես էլ b հավելարժեքի [math]^2/_5[/math]-ը (այս հավելարժեքն արտադրված և առկա է պերճանքամիջոցների ձևով) IIb ենթագասակարգի սահմաններումն է սպառվում։

Հետևաբար՝ IIa-ի ու IIb-ի միջև փոխանակելու դեռ մնում են՝

IIa-ի կողմում՝ 160 m,

IIb-ի կողմում՝ 100 v + 60m։ Սրանք իրար ծածկում են, IIb բանվորները դրամաձևով ստացած իրենց 100-ով IIa-ից գնում են անհրաժեշտ կենսամիջոցներ 100-անոց գումարի չափով։ IIb կապիտալիստներն իրենց հավել արժեքի [math]^3/_5[/math]-անոց գումարով, որ = 60-ի, նույնպես իրենց անհրաժեշտ կենսամիջոցներ են գնում IIa-ից։ Սրա շնորհիվ IIa կապիտալիստներն ստանում են անհրաժեշտ փողը՝ վերևում ընդունվածի համաձայն իրենց հավելարժեքի [math]^2/_5[/math]-ը, որ = 160 m-ի, IIb-ի կողմից արտադրված պերճանքային ապրանքների վրա ծախսելու համար (100 v, որ գտնվում է IIb կապիտալիստների ձեռին իբրև վճարված աշխատավարձը փոխհատուցող արդյունք, ու 60 m)։ Ուրեմն սրա վերաբերյալ սխեման է՝

3) IIa. [400 v ] + [240 m] + [160 m]
b 100 v + 60 m + [40 m],

Որտեղ փակագծած հաշվեհոդվածները նրանք են, որոնք շրջանառում և սպառվում են իրենց սեփական ենթադասակարգում։

Փոփոխուն կապիտալի համար կանխավճարված դրամակապիտալի ուղղակի հետհոսումը, որ կատարվում է կապիտալիստների IIa ստորաբաժանման համար միայն, որն անհրաժեշտ կենսամիջոցներ է արտադրում, ավելի առաջ հիշատակված այն ընդհանրական օրենքի՝ մասնահատուկ պայմանների հետևանքով կերպափոխված մի դրսևորումն է լոկ, թե ապրանքաշրջանառության նորմալ ընթացքի ժամանակ փողը վերադառնում է այն ապրանքարտադրողների մոտ, որոնք դրամ են կանխավճարում շրջանառության համար։ Որից, ի դեպ, հետևում է, որ եթե ապրանքարտադրողի թիկունքում ընդհանրապես կանգնած է մի դրամակապիտալիստ, որը յուր հերթին դրամակապիտալ է կանխավճարում արդյունաբերական կապիտալիստին (դրամակապիտալ՝ բառի ամենաբուն իմաստով, ուրեմն դրամաձևով կապիտալարժեք), ապա այս փողի իսկական վերադարձակետն այս դրամակապիտալիստի գրպանն է։ Այս իմաստով ահա, թեև փողը շրջանառելով շատ կամ թե քիչ՝ անցնում է ամեն ձեռքով, շրջանառու դրամի մասսան պատկանում է դրամակապիտալի այն ստորաբաժանմանը, որը կազմակերպված և համակենտրոնացած է բանկերի և այլոց ձևով. այն եղանակը, որով այս ստորաբաժանումը կանխավճարում է յուր կապիտալը, պայմանավորում է սրա մշտական ու վերջնական հհտհոսումը դրամաձևով դեպի նույն ստորաբաժանումը, թեև այս հետհոսումը դարձյալ միջնորդագործվում է նրանով, որ արդյունաբերական կապիտալը դրամակապիտալի է հետփոխարկվում։

Ապրանքաշրջանառության համար երկու տեսակ բան է հարկավոր միշտ.— ապրանքներ, որոնք նետվում են շրջանառության մեջ, ու փող, որը նետվում է շրջանառության մեջ։ «Շրջանառության պրոցեսն անմիջական արդյունափոխանակության նման չի վերջանում սպառարժեքների տեղափոխությամբ ու ձեռից ձեռ անցնելով։ Փողը չի չքանում այն պատճառով, որ նա վերջնականապես դուրս է ընկնում մի ապրանքի փոխակերպությունների շարքից։ Նա շարունակ ու շարունակ սկվում, տակն է նստում շրջանառության այն տեղերում, որ մաքրվել է ապրանքից» և այլն։ (I գիրք, III գլ., էջ 92։[15])

Օրինակ, IIc-ի ու I (v + m)-ի միջև կատարվող շրջանառության դեպքում մենք ընդունեցինք, որ այս շրջանառության համար 500 £-ը II-ն է կանխավճարում դրամով։ Շրջանառության պրոցեսի այն անվերջ թվի ժամանակ, որին հանգում է արտադրողների խոշոր հասարակական խմբերի միջև կատարվող շրջանառությունը, մերթ մեկն այս խմբից, մերթ մի ուրիշն այն խմբից է հանդես գալիս նախ իբրև գնորդ, ուրեմն փող նետում շրջանառության մեջ։ Բոլորովին մի կողմ թողնելով անհատական հանգամանքները՝ հիշյալ դրամականխավճարումը պայմանավորված է արդեն արտադրապրոցեսի տարբերությամբ և հետևաբար տարբեր ապրանքակապիտալների պտույտների տարբերությամբ։ Այսպիսով ուրեմն II-ը 500 £-ով միևնույն արժեգումարի արտադրամիջոցներ է գնում I-ից, իսկ սա սպառամիջոցներ է գնում II-ից, հետևաբար փողը հետ է հոսում II-ի մոտ. վերջինս ամենևին չի հարստանում այս հետհոսման շնորհիվ։ Նա առաջ 500 £ փող նետեց շրջանառության մեջ և նույն արժեգումարի ապրանքներ դուրս կորզեց նրանից. հետո նա 500 £-ի ապրանքներ է ծախում և միևնույն արժեգումարով փող է դուրս կորզում շրջանառությունից. այսպիսով 500 £-ը հոսում է հետ։ Այսպիսով II-ն իրապես շրջանառության մեջ նետած է լինում 500 £ փող ու 500 £-ի ապրանքներ = 1 000 £. նա շրջանառությունից կորզում է 500 £-ի ապրանքներ ու 500 £ փող։ Շրջանառությունն (I-ի) 500 £-ի ապրանքների ու (II-ի) 500 £ ապրանքների փոխանակման համար միմիայն 500 £ փողի կարիք ունի. հետևաբար ով որ փող կանխավճարել է ուրիշի ապրանք գնելիս, այն էլի հետ է ստանում յուր սեփական ապրանքը ծախելիս։ Ուստի եթե նախ I-ը 500 £-ի ապրանք գներ II-ից և հետո 500 £-ի ապրանք ծախեր II-ին, ապա 500 £-ը II-ի փոխարեն I-ի մոտ կվերադառնար։

I դասակարգում աշխատավարձի վրա ծախսված փողը, այսինքն, դրամաձևով կանխավճարված փոփոխուն կապիտալը վերադառնում է ոչ թե ուղղակի, այլ անուղղակի, մի շրջուղիով։ Իսկ II դասակարգում, ընդհակառակը, 500 £ աշխատավարձը բանվորներից ուղղակի է վերադառնում կապիտալիստներին, ինչպես որ այս վերադարձը միշտ ուղղակի է լինում, երբ միևնույն անձերի միջև կատարվող առուծախն այնպես է կրկնվում, որ նրանք հերթափոխվելով մշտապես միմյանց հանդեպ են ելնում իբրև ապրանքների գնորդներ ու վաճառորդներ։ II կապիտալիստն աշխատույժը վճարահատուցում է փողով. այսպիսով նա աշխատույժը միակցում է յուր կապիտալին և շրջանառության այս իրադարձության հետևանքով միայն, որը նրա համար լոկ դրամակապիտալի փոխարկումն է արտադրողական կապիտալի, որպես արդյունաբերական կապիտալիստ է հանդես գալիս բանվորի հանդեպ, իբրև յուր վարձու բանվորի հանդեպ։ Իսկ հետո էլ բանվորը, որ առաջին փուլում յուր սեփական աշխատույժի վաճառորդն ու առևտրականն էր, երկրորդ փուլում որպես գնորդ, որպես դրամատեր է հանդես ելնում կապիտալիստի հանդեպ, իբրև ապրանքավաճառի հանդեպ. այսպիսով ահա սրան է վերադառնում աշխատավարձի վրա ծախսված փողը։ Որչափով որ այս ապրանքների վաճառքը խաբեբայություն և այլն չի պարունակում, այլ ապրանքի ու դրամի ձևով համարժեքներ են փոխանակվում, ապա հիշյալը մի այնպիսի պրոցես չի, որով հարստանում է կապիտալիստը։ Նա բանվորին երկու անգամ չի վճարում, առաջ փողով ու հետո էլ ապրանքով. նրա փողը նրան է վերադառնում, հենց որ բանվորը նրանից գնում անելով ապրանքի է վերածում այն։

Բայց փոփոխուն կապիտալի փոխարկված դրամակապիտալը — ուրեմն աշխատավարձի համար կանխավճարված փողը — բուն իսկ դրամաշրջանառության մեջ մի գլխավոր դեր է խաղում հետևյալ պատճառով. որովհետև բանվոր դասակարգը պետք է օր դատելով ու օր ուտելով ապրի, ուրեմն բոլորովին չի կարող արդյունաբերական կապիտալիստին երկարատև վարկեր տալ, ուստի — որքան էլ որ կապիտալների տարբեր պտուտապարբերաշրջաններ լինեն տարբեր արդյունաբերաճյուղերում — հասարակության բազմաթիվ, ըստ վայրի տարբեր կետերում միաժամանակ պետք է փոփոխուն կապիտալ կանխավճարվի դրամով՝ հայտնի կարճ ժամկետներում, ինչպիսին են շաբաթը և այլն — հարաբերաբար շուտ կրկնվող ժամանակահատվածներում. (որքան ավելի կարճ է այս ժամանակահատվածը, համեմատաբար այնքան ավելի փոքր կարող է լինել այս փողրակի միջով շրջանառության մեջ միանգամից նետած ամբողջ դրամակապիտալը։) Կապիտալիստական արտադրություն ունեցող ամեն մի երկրում այս կերպ կանխավճարված դրամակապիտալը կազմում է ամբողջ շրջանառության մի համեմատաբար վճռական բաժնեմասը, մանավանդ այն պատճառով, որ միևնույն փողը — դեպի ելակետը յուր վերադառնալուց առաջ — մղվում է ամենաբազմազան առուների մեջ և իբրև շրջանառության միջոց գործում է գործարքների մի անթիվ բազմության համար։



Հիմա մենք քննենք I (v + m)-ի ու IIc-ի միջև կատարվող շրջանառությունը մի այլ տեսակետից։

I կապիտալիստներն աշխատավարձի վճարման համար կանխավճարում են 1 000 £, որով բանվորները 1 000 £-ի կենսամիջոցներ են գնում II կապիտալիստներից, իսկ սրանք իրենց հերթին միևնույն փողով արտադրամիջոցներ են գնում I կապիտալիստներից։ Հիմա վերջիններիս վերադարձել է իրենց փոփոխուն կապիտալը դրամաձևով, այնինչ II կապիտալիստներն իրենց հաստատուն կապիտալի կեսն են ապրանքակապիտալի ձևից հետփոխարկել արտադրողական կապիտալի, II կապիտալիստները կանխավճարում են հետագա 500 £ փողը՝ I կապիտալիստներից արտադրամիջոցներ ճարելու համար. I կապիտալիստները փողը ծախսում են II-ից սպառամիջոցներ ստանալու վրա. այսպիսով այս 500 £-ը հետ է հոսում II կապիտալիստների մոտ. սրանք այն նորից կանխավճարում են՝ ապրանք դարձած իրենց հաստատունն կապիտալի վերջին քառորդը յուր արտադրողական բնաձևին հետփոխարկելու համար։ Այս փողը դարձյալ հետ է հոսում I-ի մոտ և նորից նույնահավասար գումարի սպառամիջոցներ է ճարում II-ից. սրա հետևանքով 500 £-ը հետ է հոսում II-ի մոտ, որի կապիտալիստները հիմա առաջվա պես իրենց ձեռին ունեն 500 £ փող ու 2 000 £ հաստատուն կապիտալ, որը սակայն ապրանքակապիտալից արտադրողական կապիտալի է փոխարկվել նորից։ 1 500 £ փողով շրջանառել է 5 000 £-ի մի ապրանքամասսա, այն է՝ 1) I-ը բանվորներին վճարում է 1 000 £՝ նույն արժեգումարի աշխատույժի համար. 2) բանվորները միևնույն 1 000 £-ով կենսամիջոցներ են գնում II-ից. 3) II-ը նույն փողով արտադրամիջոցներ է գնում I-ից, և սրա հետևանքով I-ի 1 000 £ փոփոխուն կապիտալն էլի վերականգնվում է դրամաձևով. 4) II-ը 500 £-ով արտադրամիջոցներ է գնում I-ից. 5) I-ը նույն 500 £-ով սպառամիջոցներ է գնում II-ից. 6) II-ը նույն 500 £-ով արտադրամիջոցներ է գնում I-ից. 7) I-ը նույն 500 £-ով կենսամիջոցներ է գնում II-ից։ II-ի մոտ է հետհոսել 500 £-ը, որը նա շրջանառության մեջ էր նետել բացի ապրանքի ձևով հանդես բերած յուր 2 000 £-ից և որի փոխարեն նա շրջանառությունից ոչ մի համարժեք չի դուրս կորզել ապրանքի ձևով։[16]

Այսպիսով ուրեմն, փոխանակումն ընթանում է հետևյալ կերպով.

I-ը վճարում է 1 000 £ փող աշխատույժի համար, ուրեմն ապրանքի համար, որը = 1 000 £։

2) Բանվորներն իրենց աշխատավարձով 1 000 £ դրամագումարի սպառամիջոցներ են գնում II-ից, ուրեմն ապրանքը = 1 000 £։

3) II-ը բանվորներից ստացած 1 000 £-ի դիմաց միևնույն արժեքի արտադրամիջոցներ և գնում I-ից. ուրեմն ապրանքը = 1 000 £։

Սրանով 1 000 £ փողը հետ է հոսած լինում I-ի մոտ իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև։

4) II-ը 500 £-ի արտադրամիջոցներ է գնում I-ից. ուրեմն ապրանքը = 500 £։

5) I-ը միևնույն 500 £-ի դիմաց սպառամիջոցներ է գնում II-ից. ուրեմն ապրանքը = 500 £։

6) II-ը նույն 500 £-ի փոխարեն արտադրամիջոցներ է գնում I-ից. ուրեմն ապրանքը = 500 £։

7) I-ը միևնույն 500 £-ի դիմաց սպառամիջոցներ է գնում II-ից. ուրեմն ապրանքը = 500 £։

Փոխանակված ապրանքարժեքի գումարը = 5 000 £։

Այն 500 £-ը, որ II-ը կանխավճարել էր գնման համար, վերադարձել է նրա մոտ։

Հետևանքն այս է.

1) I-ը դրամաձևով փոփոխուն կապիտալ ունի 1 000 £-ի չափով, որը նա սկզբնապես կանխավճարել էր շրջանառությանը. նա, բացի սրանից, յուր անհատական սպառման համար ծախսել է 1 000 £ — յուր սեփական ապրանք արդյունքի ձևով, այսինքն նա ծախսել է այն փողը, որ ստացել էր 1 000 £ արժեգումարի արտադրամիջոցների վաճառքից։

Մյուս կողմից՝ այն բնաձևը, որին պետք է փոխարկվի դրամաձևով գոյություն ունեցող փոփոխուն կապիտալը,— այսինքն աշխատույժը — սպառման շնորհիվ պահպանվում, վերարտադրվում և դարձյալ առկա է լինում իբրև նրա տերերի առևտրի այն միակ առարկան, որը սրանք ստիպված են ծախելու, եթե ուզում են ապրել։ Հետևաբար վերարտադրվում է վարձու բանվորների ու կապիտալիստների հարաբերությունն էլ։

2) II-ի հաստատուն կապիտալը փոխարինվել է in natura [բնեղեն կերպարանքով], և նույն II-ի՝ շրջանառության համար կանխավճարված 500 £-ը վերադարձել է նրան։

I-ի բանվորների համար շրջանառությունը Ա—Փ—Ա-յի պարզ շրջանառություն է. Ա[math]^{\1}[/math] (աշխատույժ)—Փ[math]^{\2}[/math] (1 000 £, I փոփոխուն կապիտալի դրամաձևը)—Ա[math]^{\3}[/math] (1 000 £ գումարի անհրաժեշտ կենսամիջոցներ). այս 1 000 £-ը դրամացնում է II-ի՝ միևնույն արժեգումարի հաստատուն կապիտալը, որ գոյությսւն ունի ապրանքի — կենսամիջոցների — ձևով։

II-ի կապիտալիստների համար պրոցեսն Ա—Փ է, նրանց ապրանքարդյունքի մի մասի փոխարկումը դրամաձևի, որից հիշյալը հետ է փոխարկվում արտադրողական կապիտալի բաղադրամասերի — այն է՝ հետ է փոխարկվում նրանց անհրաժեշտ արտադրամիջոցների մի մասին։

Այն Փ-ի (500 £-ի) կանխավճարման ժամանակ, որ II կապիտալիստներն են անում արտադրամիջոցների մյուս մասը գնելու համար, կանխակայվում է IIc-ի այն մասի դրամաձևը, որը դեռ ապրանքաձևով (իբրև սպառարժեքներ) գոյություն ունի. Փ—Ա ակտում, որտեղ II-ի փողով գնում է, և I-ն Ա է ծախում, (II-ի) դրամը փոխարկվում է արտադրողական կապիտալի մի մասի, այնինչ (I-ի) Ա-ն անցնում, կատարում է Ա—Փ ակտը, դրամի է փոխարկվում, որը սակայն կապիտալարժեքի ոչ մի մաս չի ներկայացնում I-ի համար, այլ դրամացված հավելարժեք է, որ միմիայն սպառամիջոցների վրա է ծախսվում։

Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ շրջանառության մեջ Փ—Ա առաջին ակտը մի կապիտալիստի ակտ է, Ա՛—Փ՛ վերջին ակտը մի ուրիշի ակտն է (կամ թե սրա մասն է). արդյոք այս Ա-ն, որով Փ-ն արտադրողական կապիտալի է փոխարկվում, Ա-ի վաճառորդի համար (որն ուրեմն այս Ա-ն դրամի է փոխարկում) հաստատո՞ւն կապիտալաբաղադրամաս, փոփոխո՞ւն կապիտալաբաղադրամաս, թե՞ հավելարժեք է ներկայացնում,— այս ամենևին նշանակություն չունի բուն իսկ ապրանքաշրջանառության համար։

Ինչ վերաբերում է I դասակարգին յուր ապրանքարդյունքի v + m բաղադրամասի առնչությամբ, ապա նա ավելի շատ փող է կորզում շրջանառությունից, քան նետել էր սրա մեջ։ Առաջին՝ նրան վերադառնում է 1 000 £ փոփոխուն կապիտալը. երկրորդ՝ նա ծախում է 500 £-ի արտադրամիջոցներ (տես վերևում, № 4 փոխանակումը). սրա շնորհիվ դրամացվում է նրա հավելարժեքի կեսը. հետո (փոխանակում № 6) նա էլի ծախում է 500 £-ի արտադրամիջոցներ, այսինքն՝ ծախում է յուր հավելարժեքի երկրորդ կեսը, և սրանով շրջանառությունից դրամաձևով դուրս կորզված է լինում ամբողջ հավելարժեքը. այսպիսով ուրեմն հաջորդաբար 1) փոփոխուն կապիտալը հետ է փոխարկվում դրամի = 1 000 £. 2) դրամացվում է հավելարժեքի կեսը = 500 £. 3) հավելարժեքի մյուս կեսը = 500 £. հետևաբար գումարն է.— դրամացվում է 1 000 v + 1 000 m = 2 000 £։ Թեև (դեռ մի կողմ թողնենք հետագայում քննարկելի այն փոխանակումները, որոնք Ic-ի վերարտադրությունն են միջնորդագործում) I-ը միմիայն 1 000 £ նետեց շրջանառության մեջ, բայց կրկնակի դուրս կորզեց նրանից։ Իհարկե, դրամացված (Փ-ի փոխարկված) m-ն իսկույն էլի չքանում, ուրիշի (II-ի) ձեռի մեջ է մտնում այն հանգամանքի շնորհիվ, որ այս փողը մխսվում է սպառամիջոցների վրա։ I-ի կապիտալիստներր լոկ այնքան են դուրս կորզել իբրև փող որքան որ ըստ արժեքի նրանք շրջանառության մեջ իբրև ապրանք են նետել. որ այս արժեքը հավելարժեք է, այսինքն ոչինչ չի նստում կապիտալիստների վրա,— այս հանգամանքը բացարձակորեն չի փոխում բուն իսկ այս ապրանքի արժեքը. հետևաբար, որչափով որ խոսքը վերաբերում է ապրանքաշրջանառության ժամանակ տեղի ունեցող արժեփոխարկմանը, ամենևին նշանակություն չունի։ Հավելարժեքի դրամացումը վաղանցուկ է իհարկե, ինչպես և մյուս բոլոր ձևերը, որոնցով անցնում է կանխավճարված կապիտալը յուր փոխակերպությունների ժամանակ։ Նա տևում է ճիշտ այնքան միայն, որքան արանք կա I-ի ապրանքի՝ դրամ դառնալու և սրան հաջորդող ակտի, այն է՝ I-ի դրամի՝ II-ի ապրանք դառնալու միջև։

Եթե ընդունեինք ավելի կարճ պտույտներ — կամ թե, պարզ ապրանքաշրջանառության տեսակետից քննած, շրջանառու փողի պտույտների թվի ավելի արագ հաղորդում — ապա է՛լ ավելի քիչ դրամը բավական կլիներ փոխարկվող ապրանարժեքների շրջանառության համար. եթե հաջորդական փոխանակությունների թիվը տրված է, դրա մի գումարը միշտ որոշվում է շրջանառող ապրանքների գնագումարով, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արժեգումարով։ Ընդսմին բոլորովին նշանակություն չունի, թե այս արժեգումարն ինչ համամասնությամբ է բաղկացած մի կողմից՝ հավելարժեքից ու մյուս կողմից՝ կապիտալարժեքից։

Եթե մեր օրինակում աշխատավարձը տարվա մեջ չորս անգամ վճարվեր I-ի մոտ, ապա 4 × 250 = 1 000։ Հետևաբար դրամով 250 £-ը բավական կլիներ Iv — ½IIc շրջանառության համար և Iv փոփոխուն կապիտալի ու I-ի աշխատույժի միջև կատարվող շրջանառության համար։ Նույնպես էլ, եթե Im-ի ու IIc-ի միջև եղող շրջանառությունը չորս պտույտում տեղի ունենար, ապա սրա համար անհրաժեշտ կլիներ միմիայն 250 £, ուրեմն ընդամենը հարկավոր կլիներ 500 £-անոց մեկ դրամագումար, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] մի դրամակապիտալ՝ 5 000 £ գումարի հասնող ապրանքների շրջանառության համար։ Այս դեպքում հավելարժեքը, փոխանակ երկու անգամ հաջորդաբար կես-կես դրամացվելու, հիմա չորս անգամ է հաջորդաբար դրամացվում ¼-ական մասերով։

Եթե № 4 փոխանակման դեպքում II-ի փոխարեն I-ն է հանդես գալիս իբրև գնորդ, ուրեմն 500 £ դրամ է ծախսում միևնույն արժեծավալն ունեցող սպառամիջոցների վրա, ապա այն ժամանակ II-ը № 5 փոխանակման պահին արտադրամիջոցներ է գնում միևնույն 500 £-ով. 6) I-ն սպառամիջոցներ է գնում նույն 500 £-ով, 7) II-ը միևնույն 500 £-ով արտադրամիջոցներ է գնում. հետևաբար 500 £-ը վերջիվերջո վերադառնում է I-ի մոտ, ինչպես որ առաջ վերադառնում էր II-ի մոտ։ Հավելարժեքն այստեղ դրամացվում է՝ հենց յուր կապիտալիստական արտադրողի կողմից սրա մասնավոր սպառման վրա ծախսած դրամի միջոցով, որը ներկայացնում է կանխակայված հասույթ, կանխակայված եկամուտ այն հավելարժեքից, որը պարունակվում է դեռ հետո ծախելի ապրանքի մեջ։ Հավելարժեքի դրամացումը տեղի է ունենում ոչ 500 £-ի հետհոսման շնորհիվ. չէ՞ որ I-ը Iv ապրանքի ձևով 1 000 £-ի կողքին, № 4 փոխանակման վերջում, փողով 500 £ է նետել շրջանառության մեջ, իսկ ավելադիր փող էր և ոչ թե, ինչպես արդեն գիտենք, ծախած ապրանքի ստացույթ։ Եթե այս փողը հետ է հոսում դեպի I-ը, ապա I-ը սրա հետևանքով յուր ավելադիր փողն է հետ ստացած լինում և ոչ թե յուր հավելարժեքն է դրամացնում։ I-ի հավելարժեքի դրամացումը տեղի է ունենում նրանով միայն, որ ծախվում են Im ապրանքները, որոնցում պարունակվում է հավելարժեքը, և հիշյալ դրամացումը յուրաքանչյուր անգամ տևում է լոկ այնքան ժամանակ, քանի դեռ ապրանքի ծախելուց ստացած փողը նորից սպառամիջոցների վրա չի ծախսվում։

I-ն ավելադիր (500 £) փողով II-ից գնում է սպառամիջոցներ. այս փողը ծախսել է I-ը և նրա դիմաց համարժեք է ստացել II-ի ապրանքի ձևով. փողն առաջին անգամին հետ է հոսում այն բանի հետևանքով, որ II-ն I-ից 500 £-ի ապրանք է գնում, ուրեմն փողը հետ է հոսում իբրև I-ի ծախած ապրանքի համարժեք, բայց այս ապրանքը ոչինչ չի նստում I-ի վրա, հետևաբար հավելարժեք է I-ի համար, և այսպիսով ահա այն փողը, որ հենց I-ն ինքն էր նետել շրջանառության մեջ, դրամացնում է նրա սեփական հավելարժեքը. նույնպես էլ յուր երկրորդ գնման ժամանակ (№ 6) I-ը յուր համարժեքն է ստացած լինում II-ի ապրանքի ձևով։ Եթե հիմա ենթադրենք, թե II-ը (№ 7) արտադրամիջոցներ չի գնում I-ից, ապա I-ը 1 000 £-ի սպառամիջոցների համար իրոք կվճարեր — իբրև հասույթ կսպառեր յուր ամբողջ հավելարժեքը — այն է՝ 500 £ յուր I ապրանքներով (արտադրամիջոցներով) ու 500 էլ փողով. իսկ զուգահեռ նա դեռ պահեստանոցում կունենար 500 £ յուր I ապրանքների (արտադրամիջոցների) ձևով, և, ընդհակառակը, 500 £ էլ կազատարձակվեր փողի ձևով։

Սրա հակառակ, II-ը յուր հաստատուն կապիտալի երեք քառորդն ապրանքակապիտալի ձևից հետփոխարկած կլիներ արտադրողական կապիտալի, իսկ մի քառորդը՝ դրամակապիտալի ձևի (500 £), իրականում՝ պարապ ընկած փողի կամ յուր ֆունկցիան ընդհատած ու գործելու սպասող փողի։ Եթե այս կացությունն ավելի երկար տևեր, ապա II-ը վերարտադրության մասշտաբը պետք է մի քառորդով կրճատեր։— Իսկ արտադրամիջոցների ձևով 500-ը, որ I-ի վզին նստած է, ապրանքաձևով գոյություն ունեցող հավելարժեք չի, հիշյալ 500-ն առկա է՝ կանխավճարված այն 500 £ դրամի փոխարեն, որ I-ն ուներ ապրանքաձևով ներկայացող յուր 1 000 £-անոց հավելարժեքի կողքին։ Իբրև փող նա գտնվում է միշտ իրացնելի ձևում, որպես ապրանք նա ժամանակավորապես անծախ է։ Այսքանն ակներև է, որ պարզ վերարտադրությունը — որտեղ պետք է փոխարինվի II-ի, ինչպես և I-ի, արտադրողական կապիտալի ամեն մի տարր — լոկ այն դեպքում է հնարավոր մնում այստեղ, եթե 500 ոսկե թռչնակները վերադառնան I-ի մոտ, որն առաջինն էր թռցրել նրանց։

Եթե մի կապիտալիստ (այստեղ դեռ մենք նկատի ունենք միմիայն արդյունաբերական կապիտալիստին, որը բոլոր մյուսների ներկայացուցիչն է միաժամանակ) փողն սպառամիջոցների վրա է ծախսում, ապա այս փողի հաշիվ-մաշիվը փակված, պրծած է նրա համար։ Եթե սա դարձյալ հետ է հոսում նրա մոտ, ապա այս կարող է պատահել այնչափով միայն, որչափով որ նա ապրանքների դիմաց — ուրեմն յուր ապրանքակապիտալով — է փող ճանկում շրջանառությունից։ Ինչպես յուր ամբողջ տարեկան ապրանքարդյունքի արժեքը (այս ապրանքարդյունքը նրա համար = ապրանքակապիտալի), այնպես էլ նույնի յուրաքանչյուր տարրինը, այսինքն ամեն մի առանձին ապրանքի արժեքը նրա համար կարող է տրոհվել հաստատուն կապիտալարժեքի, փոփոխուն կապիտալարժեքի ու հավելարժեքի։ Հետևաբար այս ապրանքներից (որոնք իբրև տարրեր ապրանքարդյունքն են գոյացնում) ամեն մի առանձին ապրանքի դրամացումն ամբողջ ապրանք արդյունքի մեջ պարունակվող հավելարժեքի մի հայտնի բաժնեմասի դրամացումն է միաժամանակ։ Այսպիսով ուրեմն տվյալ դեպքում բառացի ճիշտ է, որ հենց ինքը կապիտալիստն է շրջանառության մեջ նետել այն փողը — և այն էլ՝ նույն սպառամիջոցների վրա ծախսելու ժամանակ — որով դրամացվում , alias [ուրիշ խոսքով] իրացվում է նրա հավելարժեքը։ Ընդսմին իհարկե խոսքը միևնույն ստակներին չի վերաբերում, այլ այն հնչուն դրամի մեկ գումարին, որը հավասար է այն գումարին (կամ թե սրա մի նույնահավասար մասին), որ կապիտալիստը շրջանառության մեջ էր նետել անձնական պահանջմունքները բավարարելու համար։

Գործնականում այս կատարվում է կրկնակի եղանակով. եթե ձեռնարկությունն ընթացիկ տարում է բացվել առաջին անգամ, ապա մի կարգին ժամանակ է անցնում, լավագույն դեպքում՝ մի քանի ամիս, մինչև որ կապիտալիստը հնարավորություն է ունենում բուն իսկ ձեռնարկության եկամուտից փող ծախսելու յուր անձնական սպառման համար։ Նա յուր սպառումը ոչ մի ակնթարթ չի կախակայում ձեռնարկության պատճառով։ Նա դեռ ձեռք բերելի հավելարժեքի դիմաց հենց ինքն է իրեն փող կանխավճարում (յուր սեփական գրպանից, թե վարկով՝ ուրիշի գրպանից, այս դեպքում բոլորովին նշանակություն չունի այս պարագան). սրանով սակայն կապիտալիստը նաև շրջանառու միջոց է կանխավճարած լինում հետագայում իրացվելիք հավելարժեքի իրացման համար։ Իսկ եթե ձեռնարկությունն, ընդհակառակն, արդեն երկար ժամանակ է, որ կանոնավոր գործում է, ապա վճարումներն ու եկամուտները բաշխվում են տարվա մեջ տարբեր ժամկետների վրա։ Մի բան սակայն անընդհատ է կատարվում, կապիտալիստի սպառումը, որը կանխակայվում և որի ծավալը հաշվվում է սովորական կամ թե նախապես ակնկալած եկամուտի հայտնի համամասնության համաձայն։ Ծախված ապրանքի յուրաքանչյուր բաժնեմասի հետ իրացվում է տարվա ընթացքում ձեռք բերելի հավելարժեքի մի մասն էլ։ Իսկ եթե ամբողջ տարվա ընթացքում լոկ այնքան ծախվեր արտադրված ապրանքից, որքան անհրաժեշտ է՝ նրա մեջ պարունակվող հաստատուն ու փոփոխուն կապիտալարժեքները փոխհատուցելու համար, կամ թե գներն այնպես ընկնեին, որ տարեկան ամբողջ ապրանքարդյունքը ծախելիս իրացվեր նրա մեջ պարունակվող կանխավճարված կապիտալարժեքը միայն, ապա աշկարա երևան կգար ապագա հավելարժեքի ակնկալությամբ ծախսված փողի կանխակայիչ բնույթը։ Եթե մեր կապիտալիստը կոտր է ընկնում, ապա նրա վարկատուներն ու դատարանը հետաքննում են, թե արդյոք նրա կանխակայված մասնավոր ծախսերն ուղիղ, ընդունելի համամասնություն են կազմում նրա ձեռնարկության ծավալի նկատմամբ ու սրան սովորաբար կամ թե նորմալ կերպով համապատասխանող հավելարժեքային եկամուտի նկատմամբ, թե ոչ։

Իսկ կապիտալիստների ամբողջ դասակարգի վերաբերմամբ՝ այն դրույթը, թե սա հենց ինքը պետք է փողը նետի շրջանառության մեջ՝ յուր հավելարժեքի իրացման համար (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] յուր կապիտալի, հաստատունի ու փոփոխունի, շրջանառության համար էլ), ոչ միայն պարադոքսային չի թվում, այլև հանդես է գալիս իբրև ամբողջ մեխանիզմի անհրաժեշտ պայման.— որովհետև այստեղ միմիայն երկու դասակարգ կա — բանվոր դասակարգը, որի տրամադրության տակ եղածը յուր աշխատույժն է միայն, ու կապիտալիստների դասակարգը, որը հասարակական արտադրամիջոցների, ինչպես և փողի, մենաշնորհատերն է։ Պարադոքսն այն կլիներ, եթե առաջին հերթին բանվոր դասակարգը յուր սեփական միջոցներից կանխավճարեր անհրաժեշտ փող՝ ապրանքներում պարունակվող հավելարժեքի իրացման համար։ Բայց առանձին կապիտալիստն այս կանխավճարումը միշտ կատարում է լոկ այն ձևով, որ նա գործում է իբրև գնորդ, փող է ծախսում սպառամիջոցների գնման վրա, կամ թե փող է կանխավճարում յուր արտադրողական կապիտալի տարրերը գնելու համար, լինի աշխատույժ, թե արտադրամիջոցներ, միևնույն է։ Նա փողը միշտ տալիս է մի համարժեքի դիմաց միայն։ Նա շրջանառությանը փող կանխավճարում է լոկ նույն եղանակով, որով ապրանք է կանխավճարում նրան։ Երկու դեպքում էլ նա որպես նրանց շրջանառության ելակետ է գործում։

Իրերի իսկական ընթացքը մթագնում են երկու հանգամանք։

1) Առևտրակապիտալի (որի առաջին ձևը փողն է միշտ, որովհետև վաճառականն իբրև այսպիսին ոչ մի «արդյունք» կամ թե «ապրանք» չի արտադրում) ու դրամակապիտալի, որպես մի հատուկ տեսակի կապիտալիստների գործառնության առարկայի, հանդես գալն արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսում։

2) Հավելարժեքի — որն առաջին հերթին միշտ պետք է արդյունաբերական կապիտալիստի ձեռին գտնվի — տրոհումը տարբեր կատեգորիաների, իբրև որոնց կրիչներ արդյունաբերական կապիտալիստների կողքին հանդես են գալիս՝ հողատերը (հողառենտայի համար), վաշխառուն (տոկոսի համար) և այլն, ditto [նույնպես էլ] կառավարությունն ու յուր պաշտոնյաները, ռենտատերերը և այլն։ Այս ղոչաղները մեջտեղ են գալիս արդյունաբերական կապիտալիստի հանդեպ իբրև գնորդներ և այսչափով էլ որպես նրա ապրանքները դրամացնողներ. նրանք էլ են pro parte [իրենց բաժնի համար, բաժնի համեմատ] «փող» նետում շրջանառության մեջ, և արդյունաբերական կապիտալիստը փող է ստանում նրանցից։ Ընդսմին միշտ մոռացվում է, թե որ աղբյուրից էին նրանք փող ստանում և միշտ էլի ստանում են նորից։

VI. I ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԸ[17]

Մեզ դեռ մնում է հետազոտելու I ստորաբաժանման հաստատուն կապիտալը, որ = 4 000 v։ Այս արժեքը հավասար է այս ապրանքամասսայի արտադրության մեջ սպառված արտադրամիջոցների այն արժեքին, որը վերահայտնվում է I ապրանքարդյունքի մեջ։ Վերահայտնվող այս արժեքը, որն I-ի արտադրապրոցեսում չի արտադրվել, այլ իբրև հաստատուն արժեք մի տարի առաջ է նրա մեջ մտել որպես I-ի արտադրամիջոցների տվյալ արժեք, հիմա գոյություն ունի I ապրանքամասսայի այն ամբողջ մասի մեջ, որը չի կլանվել II կատեգորիայի կողմից, և I կապիտալիստների ձեռին այսպիսով մնացող այս ապրանքամասսայի արժեքն էլ = է նրանց տարեկան ամբողջ ապրանքարդյունքի [math]^2/_3[/math]-ին։ Առանձին կապիտալիստի ժամանակ, որը մի հատուկ արտադրամիջոց է արտադրում, մենք կարողանում էինք ասել, թե նա յուր ապրանքարդյունքը ծախում է, դրամի է փոխարկում այն։ Ապրանքարդյունքը դրամի փոխարկելով՝ նա յուր արդյունքի հաստատունն արժեմասն էլ է հետփոխարկած լինում դրամի։ Փող դարձրած այս արժեմասով նա հետո էլի յուր արտադրամիջոցներն է գնում ուրիշ ապրանքավաճառներից կամ յուր արդյունքի հաստատուն արժեմասը փոխարկում է մի այնպիսի բնաձևի, որով հիշյալը նորից կարող է գործել իբրև հաստատուն կապիտալ։ Իսկ հիմա այս ենթադրությունն, ընդհակառակն, անհնարին բան է։ I կապիտալիստների դասակարգն ընդգրկում է այն բոլոր կապիտալիստներին, որոնք արտադրամիջոցներ են արտադրում։ Բացի սրանից, 4 000-անոց ապրանքարդյունքը, որը մնացել է նրանց ձեռին, հասարակական արդյունքի այն մի մասն է, որը ոչ մեկ ուրիշ մասի հետ չի փոխանակվելու, քանի որ տարեկան արդյունքի ուրիշ ոչ մի այսպիսի մաս գոյություն չունի այլևս։ Այս 4 000-ը բացառյալ՝ ամբողջ մնացորդն արդեն տնօրինված, պրծած է, մի մասը հասարակական սպառաֆոնդն է կլանել, իսկ մյուս մասը պետք է փոխարինի II ստորաբաժանման հաստատուն կապիտալին, ընդորում II ստորաբաժանումն արդեն փոխանակել է այն ամենը, որ նա կարող էր յուր տնօրինության տակ ունենալ I ստորաբաժանման հետ արվող փոխանակության ժամանակ։

Դժվարությունը շատ պարզ կերպով է լուծվում, երբ մարդ խորհրդածում է, որ I-ի ամբողջ ապրանքարդյունքն ըստ յուր բնաձևի կազմված է արտադրամիջոցներից, այսինքն հաստատուն կապիտալի նյութական տարրերից հենց։ Այստեղ մեր հանդեպ ներկայանում է միևնույն երևույթը, ինչ որ առաջ II-ի դեպքում, միայն թե մի ուրիշ դիրքով։ II-ի դեպքում ամբողջ ապրանքարդյունքը կազմված էր սպառամիջոցներից, ուստի սրանց մի մասը, այս ապրանքարդյունքի մեջ պարունակված աշխատավարձի, պլյուս հավելարժեքի չափով, կարող էր յուր սեփական արտադրողների կողմից սպառվել։ Այստեղ, I-ի դեպքում, ամբողջ ապրանքարդյունքը բաղկացած է արտադրամիջոցներից — շենքերից, մեքենաներից, ամաններից, հումքերից ու օժանդակ նյութերից և այլն։ Այս պատճառով սրանց մի մասը, այն, որ այս ոլորտում կիրառված հաստատուն կապիտալին է փոխարինում, իսկույն կարող է յուր բնաձևով նորից գործել իբրև արտադրողական կապիտալի բաղադրամաս։ Որչափով որ նա մտնում է շրջանառության մեջ, I դասակարգի սահմաններում է շրջանառում։ II-ի դեպքում ապրանքարդյունքի մի մասը յուր սեփական արտադրողների կողմից անհատորեն է սպառվում in natura [բնեղեն կերպարանքով], իսկ I-ի դեպքում, ընդհակառակն, արդյունքի մի մասը յուր կապիտալիստական արտադրողների կողմից in natura [բնեղեն կերպարանքով] արտադրողաբար է սպառվում։

I-ի ապրանքարդյունքի այն մասում, որ = 4 000 v, այս կատեգորիայում սպառված հաստատուն կապիտալարժեքը վերահայտնվում է և այն էլ մի այնպիսի բնաձևով, որով նա իսկույն կարող է դարձյալ գործել իբրև արտադրողական հաստատուն կապիտալ։ II-ի դեպքում 3 000-անոց ապրանքարդյունքի այն մասը, որի արժեքը հավասար է աշխատավարձին, պլյուս հավելարժեքին (= 1 000), ուղղակի մտնում է II-ի կապիտալիստների ու բանվորների անհատական սպառման մեջ, այնինչ այս ապրանքարդյունքի հաստատուն կապիտալարժեքը (= 2 000), ընդհակառակը, չի կարող էլի մտնել II կապիտալիստների արտադրողական սպառման մեջ, այլ փոխարինվելու է՝ I-ի հետ փոխանակվելու միջոցով։

I-ի դեպքում, ընդհակառակը, նրա 6 000-անոց ապրանքարդյունքի այն մասը, որի արժեքը հավասար է աշխատավարձին, պլյուս հավելարժեքին (= 2 000), չի մտնում յուր արտադրողների անհատական սպառման մեջ և ըստ յուր բնաձևի չի էլ կարող մտնել։ Նա առաջ դեռ պետք է II-ի հետ փոխանակվի։ Այս արդյունքի հաստատուն արժեմասը, որ = 4 000, գտնվում է, ընդհակառակը, մի բնաձևում, որով նա — եթե նկատի ունենանք I կապիտալիստների ամբողջ դասակարգը — էլի կարող է ուղղակի որպես նրա հաստատուն կապիտալ գործել։ Ուրիշ խոսքով ասած. I ստորաբաժանման ամբողջ արդյունքը կազմված է այնպիսի սպառարժեքներից, որոնք ըստ իրենց բնաձևի,— արտադրության կապիտալիստական եղանակի ժամանակ,— կարող են լոկ իբրև հաստատուն կապիտալի տարրեր գործել։ Հետևաբար 6 000-անոց արժեք ունեցող այս արդյունքի մեկ երրորդը (= 2 000) փոխարինում է II ստորաբաժանման հաստատուն կապիտալին, իսկ մնացած [math]^2/_3[/math]-ը՝ I ստորաբաժանման հաստատուն կապիտալին։

I-ի հաստատուն կապիտալը կազմված է տարբեր կապիտալախմբերի մի բազմությունից, որոնք ներդրված են արտադրամիջոցների տարբեր արտադրաճյուղերում — այսքան՝ երկաթահալոցներում, այսքան՝ ածխահանքարաններում և այլն։ Այս կապիտալախմբերից յուրաքանչյուրը կամ այս հասարակական խմբական կապիտալներից ամեն մեկը յուր հերթին բաղկանում է ինքնակայորեն գործող առանձին կապիտալների մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասսայից։ Առաջին. հասարակության, օրինակ, 7 500-անոց (սա կարող է նշանակել միլիոն և այլն) կապիտալը տրոհվում է տարբեր կապիտալախմբերի. 7 500-անոց հասարակական կապիտալը տրոհված է հատուկ մասերի, որոնցից յուրաքանչյուրը ներդրված է մի առանձին արտադրաճյուղի մեջ. հասարակական կապիտալարժեքի՝ ամեն մի առանձին արտադրաճյուղում ներդրված մասն ըստ յուր բնաձևի մասամբ կազմված է արտադրության յուրաքանչյուր հատուկ ոլորտում գոյություն ունեցող արտադրամիջոցներից, մասամբ էլ՝ արտադրությունը վարելու համար. անհրաժեշտ ու համապատասխանորեն որակավորված աշխատույժից, որն աշխատանքի բաժանման հետևանքով տարբեր ձևով է կերպափոխված լինում, նայած այն մասնահատուկ աշխատույժին, որ պետք է կիրառվի արտադրության ամեն մի աոանձին ոլորտում։ Հասարակական կապիտալի` յուրաքանչյուր առանձին արտադրաճյուղում ներդրված մասը յուր հերթին կազմված է նույն ճյուղում ներդրված, ինքնակայորեն գործող առանձին կապիտալների գումարից։ Ինքնին հասկանալի է, որ այս վերաբերում է երկու ստորաբաժանմանն էլ, ինչպես I-ին, այնպես էլ II-ին։

Արդ, ինչ վերաբերում է I-ի դեպքում յուր ապրանքարդյունքի ձևով վերահայտնվող հաստատուն կապիտալարժեքին, ապա սա մասամբ էլի մտնում է արտադրության այն հատուկ ոլորտը (կամ թե մտնում է հենց այն անհատական ձեռնարկության մեջ), որից նա դուրս է եկած լինում իբրև արդյունք. օրինակ, հացահատիկը մտնում է հացահատկի արտադրության մեջ, ածուխն՝ ածխարտադրության մեջ, երկաթը մեքենաների ձևով՝ երկաթարտադրության մեջ և այլն։

Սակայն որչափով որ այն մասնական արդյունքները, որոնցից կազմված է I-ի հաստատուն կապիտալարժեքը, էլի նորից ուղղակի չեն մտնում իրենց առանձին կամ թե անհատական արտադրական ոլորտը, նրանք իրենց լոկ տեղն են փոխում։ Նրանք բնաձևով մտնում են I ստորաբաժանման մի ուրիշ արտադրական ոլորտը, մինչդեռ I ստորաբաժանման արտադրական ուրիշ ոլորտների արդյունքը նրանց է փոխարինում in natura [բնեղեն կերպարանքով]։ Այս արդյունքների սոսկական տեղափոխություն է սա։ Նրանք բոլորը մտնում են դարձյալ իբրև այնպիսի գործոններ, որոնք I-ում հաստատուն կապիտալին են փոխարինում, միայն թե I-ի մի խմբում փոխարինելու տեղակ՝ նրանք փոխարինում են նրա մեկ ուրիշ խմբում։ Որչափով որ այստեղ փոխանակությունը տեղի է ունենում I-ի աոանձին կապիտալիստների միջև, ապա սա հաստատուն կապիտալի մի բնաձևի փոխանակություն է հաստատուն կապիտալի մեկ ուրիշ բնաձևի հետ, արտադրամիջոցների մի տեսակի փոխանակություն արտադրամիջոցների ուրիշ տեսածների հետ։ Սա I-ի տարբեր անհատական հաստատուն կապիտալամասերի փոխանակություն է միմյանց հետ։ Արդյունքները, որչափով որ սրանք, իբրև արտադրամիջոցներ ուղղակի իրենց սեփական արտադրաճյուղերում չեն ծառայում, իրենց արտադրավայրերից հեռացվում են մի ուրիշ արտադրավայր և այսպիսով փոփոխակի միմյանց փոխարինում։ Ուրիշ խոսքով ասած (այնպես, ինչպես II-ի դեպքում հավելարժեքի վերաբերմամբ էր կատարվում) — I-ին պատկանող ամեն մի կապիտալիստ այն համամասնությամբ, որով նա այս 4 000-անոց հաստատուն կապիտալի գույքատիրակիցն է, այս ապրանքամասսայից կորզում, վերցնում է իրեն անհրաժեշտ համապատասխան արտադրամիջոցները։ Եթե արտադրությունը կապիտալիստականի փոխարեն հասարակական լիներ, այն ժամանակ պարզ է, որ I ստորաբաժանման այս արդյունքները վերարտադրության առնչությամբ նույնպես նորից ու նորից I ստորաբաժանման արտադրաճյուղերի միջև կբաշխվեին դարձյալ իբրև արտադրամիջոցներ. մի մասը կմնար ուղղակի արտադրության այն ոլորտում, որտեղից նա իբրև արդյունք էր դուրս եկել, մի ուրիշ մասն, ընդհակառակը, կհեռացվեր դեպի ուրիշ արտադրավայրեր, և այսպիսով մի մշտական փոխադարձ շարժում տեղի կունենար այս ստորաբաժանման տարբեր արտադրավայրերի միջև։

VII. ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼՆ ՈՒ ՀԱՎԵԼԱՐԺԵՔԸ ԵՐԿՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԵՋ

Տարվա ընթացքում արտադրված սպառամիջոցների ամբողջ արժեքն այսպիսով ուրեմն հավասար է տարվա մեջ վերարտադրված II փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս նոր արտադրված II հավելարժեքին (այսինքն հավասար է II-ի մեջ տարվա ընթացքում արտադրված արժեքին), պլյուս տարվա մեջ վերարտադրված I փոփոխուն կապիտալարժեքին ու նոր արտադրված I հավելարժեքին (հետևաբար պլյուս I-ի մեջ տարվա ընթացքում արտադրված արժեքին)։

Ուրեմն պարզ վերարտադրություն ենթադրելիս՝ տարվա ընթացքում արտադրված սպառամիջոցների ամբողջ արժեքը հավասար է տարեկան արժեքային արդյունքին, այսինքն հավասար է տարվա մեջ հասարակական աշխատանքով արտադրված ամբողջ արժեքին և պետք է հենց հավասար էլ լինի, որովհետև պարզ վերարտադրության ժամանակ այս ամբողջ արժեքն սպառվում է։

Հասարակական ամբողջ աշխատօրը տրոհվում է երկու մասի. 1) անհրաժեշտ աշխատանք. սա տարվա ընթացքում ստեղծում է 1 500 v-անոց մի արժեք. 2) հավելաշխատանք. սա ստեղծում է 1 500 m-անոց մի ավելադիր արժեք կամ հավելարժեք։ Այս արժեքների գումարը, որ = 3 000, հավասար է տարվա ընթացքում արտադրված 3 000-անոց սպառարժեքների արժեքին։ Հետևաբար տարվա մեջ արտադրված սպառամիջոցների ամբողջ արժեքը հավասար է այն ամբողջ արժեքին, որ հասարակական ամբողջ աշխատօրն արտադրում է տարվա ընթացքում, հավասար է հասարակական փոփոխուն կապիտալի արժեքին, պլյուս հասարակական հավելարժեքին, հավասար է տարեկան ամբողջ նոր արդյունքին։

Բայց մենք գիտենք, որ թեև այս երկու արժեմեծությունն իրար ծածկում են, սակայն և այնպես II ապրանքների, սպառամիջոցների, ամբողջ արժեքը հասարակական արտադրության այս ստորաբաժանման մեջ չի արտադրվել ամենևին։ Նրանք ծածկում են իրար, որովհետև II-ում վերահայտնված հաստատուն կապիտալարժեքը հավասար է I-ում նոր արտադրված արժեքին (փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս հավելարժեքին). ուստի I (v + m)-ը կարող է II-ից գնել արդյունքի այն մասը, որը սրա արտադրողների համար (II ստորաբաժանման մեջ) հաստատուն կապիտալարժեք է ներկայացնում։ Սրանից երևում է, թե ինչու, չնայած որ II կապիտալիստների համար սրանց արդյունքի արժեքը տրոհվում է c + v + m-ի, հանրորեն քննած՝ այս արդյունքի արժեքը կարելի է տրոհել v + m-ի։ Այս հենց այն պատճառով է լինում, որ IIc-ն այստեղ հավասար է I (v + m)-ին, և հասարակական արդյունքի այս երկու բաղադրամասն իրար հետ փոխանակվում են իրենց բնաձևերը փոխանակելով, ուստի այս փոխանակումից հետո IIc-ն գոյություն է ունենում էլի արտադրամիջոցների ձևով, իսկ I (v + m)-ն, ընդհակառակն, սպառամիջոցների ձևով։

Եվ այս հանգամանքն է, որ Ա. Սմիթին առիթ է տվել պնդելու, թե տարեկան արդյունքի արժեքը տրոհվում է իբր թե v + m-ի։ Այս ճիշտ է 1) արդյունքի այն մասի համար միայն, որն սպառամիջոցներից է կազմված և 2) ճիշտ է ոչ այն իմաստով, որ այս ամբողջ արժեքը II-ումն է արտադրվում, և ուրեմն նրա արդյունարժեքը հավասար է II-ում կանխավճարված փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս II-ում արտադրված հավելարժեքին, այլ այն իմաստով, որ II (c + v + m) = II (v + m) + I (v + m), կամ այն պատճառով, որ IIc = I (v + m)։

Այնուհետև սրանից հետևում է.—

Թեև հասարակական աշխատօրը (այսինքն՝ ամբողջ տարվա ընթացքում ամբողջ բանվոր դասակարգի կողմից ծախսված աշխատանքը) յուրաքանչյուր անհատական աշխատօրվա նման տրոհվում է լոկ երկու մասի, այն է՝ անհրաժեշտ աշխատանքի, պլյուս հավելաշխատանքի, ուստի չնայած որ այս աշխատօրվա կողմից արտադրված արժեքը նույնպես տրոհվում է լոկ երկու մասի, այն է՝ փոփոխուն կապիտալարժեքի, այսինքն այն արժեմասի, որով բանվոր դասակարգը յուր սեփական վերարտադրամիջոցներն է գնում, ու հավելարժեքի, որ կապիտալիստը կարող է յուր սեփական անհատական սպառման վրա ծախսել, — այնուամենայնիվ, հանրորեն քննած, հասարակական աշխատօրվա մի մասը բացառապես ծախսվում է թարմ հաստատուն կապիտալի արտադրության վրա, այսինքն՝ այնպիսի արդյունքների արտադրության վրա, որոնք բացառապես նախանշված են աշխատապրոցեսում իբրև արտադրամիջոցներ գործելու և ուրեմն աշխատապրոցեսին ուղեկցող արժեմեծացման պրոցեսում գործելու որպես հաստատուն կապիտալ։ Մեր ենթադրության համաձայն հասարակական ամբողջ աշխատօրը ներկայանում է 3 000-անոց մի դրամարժեքի մեջ, որից միմիայն [math]^1/_3[/math] = 1 000-ն է արտադրվում II ստորաբաժանման մեջ, որն սպառամիջոցներ է արտադրում, այսինքն այնպիսի ապրանքներ, որոնց փոխարկվելով վերջիվերջո իրացվում է հասարակության ամբողջ փոփոխուն կապիտալարժեքն ու ամբողջ հավելարժեքը։ Այսպիսով ուրեմն հասարակական աշխատօրվա [math]^2/_3[/math]-ը, մեր ենթադրության համաձայն, գործադրվում է նոր հաստատուն կապիտալի արտադրության վրա։ Թեև I ստորաբաժանման անհատական կապիտալիստների ու բանվորների տեսակետից հասարակական աշխատօրվա այս [math]^2/_3[/math]-ը ծառայում է փոփոխուն կապիտալարժեքի, պլյուս հավելարժեքի արտադրության համար միայն ճիշտ այնպես, ինչպես հասարակական աշխատօրվա մնացած, վերջին մեկ երրորդականը II ստորաբաժանման մեջ է ծառայում, սակայն և այնպես հասարակական աշխատօրվա այս [math]^2/_3[/math]-ը, հանրորեն քննած — նույնպես և ըստ արդյունքի սպառարժեքի քննած — արտադրում է արտադրողական սպառման պրոցեսում ընդգրկված կամ բանեցված հաստատուն կապիտալի փոխհատուցում միայն։ Նաև անհատականորեն քննած՝ աշխատօրվա այս [math]^2/_3[/math]-ը թեև արտադրում է ամբողջական մի արժեք, որը յուր արտադրողների համար հավասար է փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս հավելարժեքին միայն, բայց նա ամենևին չի արտադրում այնպիսի տեսակի սպառարժեքներ, որ աշխատավարձն ու հավելարժեքը հիշյալ տեսակի վրա ծախսվել կարողանան. աշխատօրվա այս [math]^2/_3[/math]-ի արդյունքն արտադրամիջոց է։

Ամենից առաջ պետք է նշել, որ հասարակական աշխատօրվա ոչ մի մասը, լինի I-ում, թե II-ում, միևնույն է, չի է ծառայում այն բանին, որ արտադրության այս երկու խոշոր ոլորտում կիրառված, նրանցում գործող հաստատուն կապիտալի արժեքն արտադրի։ Նրանք արտադրում են լոկ ավելադիր արժեք, 2 000 I (v + m) + 1 000 II (v + m), ավելադիր՝ հաստատուն կապիտալարժեքի = 4 000 Ic + 2 000 IIc-ի նկատմամբ։ Նոր արժեքը, որն արտադրվեց արտադրամիջոցների ձևով, հաստատուն կապիտալ չի դեռ։ Նա լոկ նախանշում ունի՝ ապագայում իբրև այսպիսին գործելու։

II-ի ամբողջ արդյունքը — սպառամիջոցները — ըստ յուր սպառարժեքի, կոնկրետ, յուր բնաձևով քննած՝ հասարակական աշխատանքի այն մեկ երրորդականի արդյունքն է, որ II-ն է կատարել. նա այն աշխատանքների արդյունքն է, որոնք իրենց, իբրև մանածագործի աշխատանքի, հացագործի և այլոց աշխատանքի, կոնկրետ ձևով կիրառվում են այս ստորաբաժանման մեջ, արդյունք այս աշխատանքի, որչափով որ սա գործում է որպես աշխատապրոցեսի սուբյեկտիվ տարր։ Իսկ ընդհակառակը, ինչ վերաբերում է այս II արդյունքի հաստատուն արժեմասին, ապա սա լոկ վերահայտնվում է մի նոր սպառարժեքի մեջ, մի նոր բնաձևով, սպառամիջոցների ձևով, մինչդեռ առաջ գոյություն ուներ արտադրամիջոցների ձևով։ Նրա արժեքն աշխատապրոցեսի շնորհիվ յուր հին բնաձևից փոխանցվել է յուր նոր բնաձևին։ Բայց արդյունարժեքի այս [math]^2/_3[/math]արժեքը, որ = 2 000, II-ի այս տարվա արժեմեծացման պրոցեսում չի, որ արտադրվել է։

Ինչպես որ աշխատապրոցեսի տեսակետից քննած՝ II արդյունքը հետևանք է նոր գործող կենդանի աշխատանքի ու սրան հանձնված, նախադրված արտադրամիջոցների, որոնցով նա մարմնանում է իբրև յուր առարկայական պայմաններով, ճիշտ այնպես էլ արժեմեծացման պրոցեսի տեսակետից II արդյունարժեքը, որ = 3 000, բաղկացած է հասարակական աշխատօրվա նոր միակցած [math]^1/_3[/math]-ի միջոցով արտադրված նոր արժեքից (500 v + 500 m = 1 000) ու մի հաստատուն արժեքից, որի մեջ առարկայացած է այստեղ քննարկվող II արտադրապրոցեսից առաջ եղած-գնացած մի անցյալ հասարակական աշխատօրվա [math]^2/_3[/math]-ը։ II արդյունքի այս արժեմասը ներկայանում է իբրև բուն իսկ արդյունքի մեկ մաս։ Նա գոյություն ունի սպառամիջոցների՝ 2 000-անոց արժեք ունեցող մի քանակի մեջ = հասարակական մի աշխատօրվա [math]^2/_3[/math]-ին։ Այս այն նոր սպառաձևն է, որով վերահայտնվում է նա։ Այսպիսով ուրեմն սպառամիջոցների մի մասի = 2 000 IIc-ի փոխանակությունն I արտադրամիջոցների = I (1 000 v + 1 000 m)-ի հետ՝ իրապես փոխանակություն է ամբողջ աշխատօրվա այն [math]^2/_3[/math]-ին, որն այս տարվա աշխատանքի մաս չի կազմում ամենևին, այլ այս տարվանից առաջ է եղել-գնացել, և փոխանակություն է այս տարվա, այս տարում նոր միակցված աշխատօրվա [math]^2/_3[/math]-ի հետ։ Այս տարվա հասարակական աշխատօրվա [math]^2/_3[/math]-ը չէր կարող հաստատուն կապիտալի արտադրության մեջ կիրառվել և միաժամանակ էլ փոփոխուն կապիտալարժեք, պլյուս հավելարժեք կազմել նրա սեփական արտադրողների համար, եթե չփոխանակվեր ամեն տարի սպառվող սպառամիջոցների մի այնպիսի արժեմասի հետ, որում պարունակվելիս լիներ ոչ այս տարում, այլ սրանից առաջ ծախսված ու իրացված մի աշխատօրվա [math]^2/_3[/math]-ը։ Սա այս տարվա աշխատօրվա [math]^2/_3[/math]-ի փոխանակություն է այն աշխատօրվա [math]^2/_3[/math]-ի հետ, որն այս տարուց առաջ է ծախսվել, փոխանակություն այս տարվա ու հերվա աշխատաժամանակի միջև։ Ուստի սա մեզ համար պարզում է այն առեղծվածը, թե ինչու հասարակական ամբողջ աշխատօրվա արժեքային արդյունքը կարող է տրոհվել փոփոխուն կապիտալարժեքի, պլյուս հավելարժեքի, չնայած որ այս աշխատօրվա [math]^2/_3[/math]-ը ծախսվել է ոչ թե այնպիսի առարկաների արտադրության վրա, հանձին որոնց կարող էին իրացվել փոփոխուն կապիտալը կամ թե հավելարժեքը, այլ, ընդհակառակը, այս տարում գործադրված կապիտալի փոխարինմանը ծառայող արտադրամիջոցների արտադրության վրա։ Այս բացատրվում է պարզապես նրանով, որ II արդյունարժեքի [math]^2/_3[/math]-ը, որի հետ փոխանակելով I կապիտալիստներն ու բանվորներն իրացնում են. իրենց արտադրած փոփոխուն կապիտալարժեքը, պլյուս հավելարժեքը (և որը տարեկան ամբողջ արդյունարժեքի [math]^2/_3[/math]-ն է կազմում), ըստ արժեքի քննած՝ այս տարվանից առաջ եղած-անցած հասարակական մի աշխատօրվա [math]^2/_3[/math]-ի արդյունքն է։

Թեև I ու II հասարակական արդյունքի, արտադրամիջոցների ու սպառամիջոցների, գումարն ըստ յուր սպառարժեքի, կոնկրետ, յուր բնաձևով քննած՝ այս տարվա աշխատանքի արդյունք է, բայց սա այսպիսին է լոկ այնչափով, որչափով որ հենց այս աշխատանքն իբրև օգտակար, կոնկրետ աշխատանք ու ոչ թե որպես աշխատույժի ծախսում, իբրև արժեկազմիչ աշխատանք է նկատի առնվում։ Եվ առաջինն էլ լոկ այն իմաստով է, որ արտադրամիջոցները նոր արդյունքին, այս տարվա արդյունքին փոխարկվել են նրանց միջոցով միակցված, նրանցով գործառող կենդանի աշխատանքի շնորհիվ միայն։ Իսկ ընդհակառակն էլ, այս տարվա աշխատանքն առանց իրենից անկախ գոյություն ունեցող արտադրամիջոցների, առանց աշխատամիջոցների ու արտադրանյութերի, չէր կարող արդյունքի փոխարկվել։

VIII. ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՐԿՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԵՋ

Ինչ վերաբերում է 9 000-անոց ամբողջ արդյունարժեքին ու այն կատեգորիաներին, որոնց տրոհվում է նա, ապա սրա վերլուծությունն ավելի մեծ դժվարություն չի ներկայացնում ամենևին, քան մի առանձին կապիտալի արդյունարժեքի վերլուծությունը. նա, ընդհակառակը, նույնն է, ինչ որ սա է։

Այստեղ հասարակական տարեկան ամբողջ արդյունքի մեջ հասարակական երեք միամյա աշխատօր է պարունակվում։ Այս աշխատօրերից յուրաքանչյուրի արժեքային արտահայտությունը = 3 000 ուստի ամբողջ արդյունքի արժեքային արտահայտությունը = 3 × 3 000 = 9 000։

Այնուհետև, այն միամյա արտադրապրոցեսից առաջ, որի արդյունքը մենք վերլուծում ենք, այս աշխատաժամանակից հոսել-գնացել է՝ I ստորաբաժանման [math]^4/_3[/math] աշխատօր (արժեքային արդյունք՝ 4 000) ու II ստորաբաժանման [math]^2/_3[/math] աշխատօր (արժեքային արդյունք՝ 2 000)։ Ընդամենը հասարակական երկու աշխատօր, որի արժեքային արդյունքը = 6 000։ Այս պատճառով 4 000 Ic + 2 000 IIc = 6 000 c կերպակայում են իբրև արտադրամիջոցների արժեք կամ հաստատուն կապիտալարժեք, որը վերահայտնվում է հասարակության արդյունարժեքի մեջ։

Հետո, I ստորաբաժանման մեջ հասարակական տարեկան նոր միակցված աշխատօրվանից [math]^1/_3[/math]-ն անհրաժեշտ աշխատանք է կամ այնպիսի աշխատանք, որը 1 000 Iv փոփոխուն կապիտալի արժեքն է փոխհատուցում և I-ում կիրառված աշխատանքի գինը վճարում։ Նույնպես էլ II-ում հասարակական աշխատօրվա [math]^1/_6[/math]-ն անհրաժեշտ աշխատանք է՝ 500-անոց մի արժեգումարով։ Ուրեմն 1 000 Iv + 500 IIv = 1 500 v-ն, հասարակական կես աշխատօրվա արժեքային արտահայտությունը, այս տարում միակցված ամբողջ աշխատօրվա այն առաջին կեսի արժեքային արտահայտությունն է, որը կազմված է անհրաժեշտ աշխատանքից։

Վերջապես I-ում ամբողջ աշխատօրվա [math]^1/_3[/math]-ը, որի արժեքային արդյունքը = 1 000, հավելաշխատանք է. II-ում աշխատօրվա [math]^1/_6[/math]-ը, որի արժեքային արդյունքը = 500, հավելաշխատանք է. նրանք միասին կազմում են միակցված ամբողջ աշխատօրվա մյուս կեսը։ Ուստի արտադրված ամբողջ հավելարժեքը = 1 000 Im + 500 IIm = 1 500 m։

Այսպիսով ուրեմն՝ հասարակական արդյունարժեքի հաստատուն կապիտալամաս (c)`

Արտադրապրոցեսից առաջ ծախսված 2 աշխատօր, արժեքային արտահայտությունը = 6 000։

Տարվա ընթացքում ծախսված անհրաժեշտ աշխատանք (v)՝

Տարեկան արտադրության վրա ծախսված կես աշխատօր, արժեքային արտահայտությունը = 1 500։

Տարվա ընթացքում ծախսված հավելաշխատանք (m)՝

Տարեկան արտադրության վրա ծախսված կես աշխատօր, արժեքային արտահայտությունը = 1 500։

Տարեկան աշխատանքի արժեքային արդյունքը (v + m) = 3 000։

Ամբողջ արդյունարժեքը (c + v + m) = 9 000։

Հետևաբար դժվարությունը բուն իսկ հասարակական արդյունարժեքի վերլուծությունը չի։ Դժվարությունն առաջ է գալիս հասարակական արդյունքի արժեբաղադրամասերը նրա իրեղեն բաղադրամասերի հետ համեմատելու ժամանակ։

Հաստատուն, լոկ վերահայտնվող արժեմասը հավասար է այս արդյունքի այն մասի արժեքին, որը բաղկացած է արտադրամիջոցներից, և հաստատուն արժեմասը մարմնացած է այս մասում։

Տարվա արժեքային նոր արդյունքը, որ = v + m, հավասար է այս արդյունքի այն մասի արժեքին, որը բաղկացած է սպառամիջոցներից, և արժեքային նոր արդյունքը մարմնացած է հիշյալ մասում։

Բայց, մի կողմ թողնելով այն բացառությունները, որոնք այստեղ նշանակություն չունեն, արտադրամիջոցներն ու սպառամիջոցներն ապրանքների բոլորովին տարբեր տեսակներ են, ամբողջովին տարբեր բնաձև ու սպառաձև ունեցող արդյունքներ, ուրեմն և միանգամայն տարբեր կոնկրետ ւսշխատատեսակների արդյունքներ։ Այն աշխատանքը, որը մեքենաներ է բանեցնում կենսամիջռցներ արտադրելու համար, բոլորովին տարբեր է այն աշխատանքից, որը մեքենաներ է շինում։ Թվում է, թե տարեկան ամբողջ աշխատօրը, որի արժեքային արտահայտությունը = 3 000, ծախսվել է սպառամիջոցների արտադրության վրա = 3 000, որոնցում հաստատուն արժեմաս չի վերահայտնվում, որովհետև այս 3 000 = 1 500 v + 1 500 m-ը տրոհվում է փոփոխուն կապիտալարժեքի + հավելարժեքի միայն։ Մյուս կողմից՝ հաստատուն կապիտալարժեքը, որ = 6 000, վերահայտնվում է սպառամիջոցներից բոլորովին տարբեր մի արդյունատեսակի մեջ, արտադրամիջոցների մեջ, մինչդեռ թվում է, թե հասարակական աշխատօրվա ոչ մի մասը չի ծախսվել այս նոր արդյունքների արտադրության վրա. թվում է, թե այս ամբողջ աշխատօրն, ընդհակառակը, կազմված է այնպիսի աշխատատեսակներից միայն, որոնց հետևանքը լինում են ո՛չ թե արտադրամիջոցները, այլ սպառամիջոցները։ Գաղտնիքն արդեն լուծված է։ Տարեկան աշխատանքի արժեքային արդյունքը հավասար է II ստորաբաժանման արդյունարժեքին, նոր արտադրված սպառամիջոցների ամբողջ արժեքին։ Բայց այս արդյունարժեքը [math]^2/_3[/math]-ով ավելի մեծ է, քան տարեկան աշխատանքի այն մասը, որը ծախսվել է սպառամիջոցների արտադրության (II ստորաբաժանման) մեջ։ Սրանց արտադրության վրա ծախսվել է տարեկան աշխատանքի [math]^1/_3[/math]-ը միայն։ Այս տարեկան աշխատանքի [math]^2/_3[/math]-ը ծախսվել է արտադրամիջոցների արտադրության մեջ, ուրեմն I ստորաբաժանման մեջ։ Այս ժամանակվա ընթացքում I-ի մեջ արտադրված արժեքային արդյունքը, որ հավասար է I-ում արտադրված փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս հավելարժեքին, հավասար է II-ի հաստատուն կապիտալարժեքին, որը II-ում իբրև սպառամիջոցներ է վերահայտնվում։ Ուստի նրանք կարող են իրար հետ փոխանակվել և in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինել միմյանց։ Հետևաբար II սպառամիջոցների ամբողջ արժեքը հավասար է I + II-ի արժեքային նոր արդյունքի գումարին կամ II (c + v + m) = I (v + m) + II (v + m), ուրեմն հավասար է տարեկան աշխատանքի միջոցով ու v + m-ի ձևով արտադրված նոր արժեքի գումարին։

Մյուս կողմից՝ (I) արտադրամիջոցների ամբողջ արժեքը հավասար է (I) արտադրամիջոցների ձևով ու (II) սպառամիջոցների ձևով վերահայտնվող հաստատուն կապիտալարժեքի գումարին, ուրեմն հավասար է հասարակության ամբողջ արդյունքի մեջ վերահայտնվող հաստատուն կապիտալարժեքին։ Այս ամբողջ արժեքը հավասար է արտադրապրոցեսից առաջ I-ում եղած-գնացած աշխատօրվա [math]^4/_3[/math]-ի ու արտադրապրոցեսից առաջ II-ում եղած-գնացած աշխատօրվա [math]^2/_3[/math]-ի, ուրեմն ընդամենը երկու ամբողջական աշխատօրվա արժեքային արտահայտությանը։

Հետևաբար հասարակական տարեկան արդյունքի ժամանակ դժվարությունն առաջ է գալիս նրանից, որ հաստատուն արժեմասը ներկայանում է մի բոլորովին ուրիշ արդյունատեսակի — արտադրամիջոցների — մեջ, քան այս հաստատուն արժեմասին միակցված v + m նոր արժեքն է, որն իբրև սպառամիջոցներ է ներկայանում։ Ստացվում է այն երևութքը, որ բանեցված արդյունամասսայի [math]^2/_3[/math]-ն — ըստ արժեքի քննած — իբր թե գտնվում է դարձյալ մի նոր ձևում, իբրև նոր արդյունք, չնայած որ նրա արտադրության վրա հասարակության կողմից մի որևէ աշխատանք չի ծախսվել։ Առանձին կապիտալի դեպքում այս բանը տեղի չի ունենում։ Ամեն մի անհատական կապիտալիստ կիրառում է մեկ որոշ կոնկրետ աշխատատեսակ, որը նրա յուրահատուկ արտադրամիջոցները մի արդյունքի է փոխարկում։ Օրինակ, դնենք, թե կապիտալիստը մեքենաշինարար է, տարվա ընթացքում ծախսված հաստատուն կապիտալը = 6 000 c, փոփոխունը = 1 500 v, հավելարժեքը = 1 500 m. արդյունքը = 9 000. ասենք, թե սա մի արդյունք է՝ բաղկացած 18 մեքենայից, որոնցից յուրաքանչյուր = 500։ Ամբողջ արդյունքն այստեղ գոյություն ունի միևնույն ձևով, մեքենաների ձևով։ (Եթե մեքենաշինարարը միքանի տեսակներ է արտադրում, ապա սրանցից ամեն մեկն առանձին է հաշվի առնվում)։ Ամբողջ ապրանքարդյունքը տարվա ընթացքում մեքենաշինարարության վրա ծախսված աշխատանքի արդյունք է, միևնույն կոնկրետ աշխատատեսակի համակցություն է միևնույն արտադրամիջոցների հետ։ Ուստի արդյունարժեքի տարբեր մասերը ներկայանում են միևնույն բնաձևով. 12 մեքենայում պարունակվում է 6 000 c, 3 մեքենայում՝ 1 500 v, 5 մեքենայում՝ 1 500 m։ Այստեղ պարզ է, որ 12 մեքենայի արժեքը = է 6 000 c-ի ոչ այն պատճառով, որ այս 12 մեքենայում մարմնացած է մեքենաշինարարությունից սոսկ առաջ կատարված ու ոչ թե նրա վրա ծախսված աշխատանքը։ 18 մեքենայի համար գործադրած արտադրամիջոցների արժեքը ոչ թե հենց ըստինքյան 12 մեքենայի է փոխարկվել, այլ այս 12 մեքենայի արժեքը (որ ինքն էլ յուր հերթին բաղկացած է 4 000 c + 1 000 v + 1 000 m-ից) հավասար է 18 մեքենայում պարունակված հաստատուն կապիտալարժեքի ամբողջ արժեքին։ Ուստի մեքենաշինարարը պետք է 18 մեքենայից 12-ը ծախի՝ փոխհատուցելու համար յուր ծախսած հաստատուն կապիտալը, որ նրան անհրաժեշտ է 18 նոր մեքենա վերարտադրելու֊ համար։ Ընդհակառակը, բանն անբացատրելի կլիներ, եթե, չնայած կիրառվող աշխատանքի՝ սոսկ մեքենաշինարարությունից բաղկացած լինելուն, նրա հետևանքն ստացվեր՝ մի կողմից 6 մեքենա = 1 500 v + 1 500 m, իսկ մյուս կողմից՝ 6 000 c արժեգումարով երկաթ, պղինձ, պտուտակներ, կաշեփոկեր և այլն, այսինքն մեքենաների արտադրամիջոցներ իրենց բնաձևով, որոնք, ինչպես հայտնի է, մեքենաներ շինող կապիտալիստն ինքը չի արտադրում, այլ պետք է փոխարինի շրջանառության պրոցեսի միջոցով։ Եվ այնուամենայնիվ առաջին հայացքից այնպես է թվում, թե հասարակական տարեկան արդյունքի վերարտադրությունն այսպիսի անմիտ եղանակով է կատարվում։

Անհատական կապիտալի արդյունքը, այսինքն հասարակական կապիտալի՝ ինքնակայորեն գործող, սեփական կյանքով օժտված յուրաքանչյուր կտորի արդյունքն ուզածդ մի որևէ բնաձևն ունի։ Միակ պայմանն այն է, որ նա իսկապես մի սպառաձև ունենա, մի սպառարժեք, որը նրա վրա դրոշմում է ապրանք աշխարհի մի շրջանառունակ անդամ լինելու կնիքը։ Բոլորովին նշանակություն չունի և պատահական բան է այն, թե արդյոք նա իբրև արտադրամիջոց կարող է դարձյալ նույն արտադրապրոցեսի մեջ մտնել, որից նա դուրս է եկած լինում որպես արդյունք, հետևաբար յուր արդյունարժեքի այն մասը, որում ներկայանում է հաստատուն կապիտալարժեքը, ունի՞ արդյոք մի այնպիսի բնաձև, որով նա իրապես էլի կարող է իբրև հաստատուն կապիտալ գործել։ Իսկ եթե ոչ, ապա արդյունարժեքի այս մասը վաճառքի ու գնման միջոցով դարձյալ փոխարկվում է յուր իրեղեն արտադրատարրերի ձևին, և սրա հետևանքով հաստատուն կապիտալը վերարտադրվում է յուր գործունակ բնաձևով։

Բանն ուրիշ է հասարակական ամբողջ կապիտալի արդյունքի վերաբերմամբ։ Վերարտադրության բոլոր իրեղեն տարրերն իրենց բնաձևով պետք է հենց այս արդյունքի մասերը կազմեն։ Բանեցված հաստատուն կապիտալամասն ամբողջ արտադրության միջոցով կարող է փոխարինվել այն չափով միայն, որչափով որ արդյունքի մեջ վերահայտնվող ամբողջ հաստատուն կապիտալամասը կրկին երևան է գալիս այնպիսի նոր արտադրամիջոցների բնաձևով, որոնք իսկապես կարող են գործել որպես հաստատուն կապիտալ։ Հետևաբար եթե պարզ վերարտադրություն է ենթադրվում, արդյունքի այն մասի արժեքը, որն արտադրամիջոցներից է բաղկացած, պետք է հավասար լինի հասարակական կապիտալի հաստատուն արժեմասին։

Այնուհետև. անհատորեն քննած՝ կապիտալիստը նոր միակցված աշխատանքի միջոցով հանձին յուր արդյունարժեքի արտադրում է յուր փոփոխուն կապիտալը, պլյուս հավելարժեքը միայն, մինչդեռ հաստատուն արժեմասը նոր միակցված աշխատանքի կոնկրետ բնույթի շնորհիվ փոխանցվում է արդյունքին։

Հանրորեն քննած՝ հասարակական աշխատօրվա այն մասը, որն արտադրամիջոցներ է արտադրում, հետևաբար նրանց թե՛ նոր արժեք է միակցում և թե՛ նրանց արտադրության մեջ բանեցվող արտադրամիջոցների արժեքն է փոխանցում նրանց,— ուրիշ բան չի արտադրում, քան հաստատուն կապիտալ, որը նախանշված է հին արտադրամիջոցների ձևով բանեցված և ինչպես I-ում, այնպես էլ II-ում սպառված հաստատուն կապիտալին փոխարինելու։ Նա արտադրում է այնպիսի արդյունք միայն, որը նախանշված է արտադրողական սպառմանը բաժին ընկնելու։ Ուրեմն այս արդյունքի ամբողջ արժեքը լոկ այնպիսի արժեք է, որը կարող է նորից գործել իբրև հաստատուն կապիտալ, որը կարող է վերագնել յուր բնաձևով հաստատուն կապիտալ միայն, որը հետևաբար, հանրորեն քննած, ո՛չ փոփոխուն կապիտալի է տրոհվում ու ոչ էլ հավելարժեքի։— Մյուս կողմից՝ հասարակական աշխատօրվա այն մասը, որ սպառամիջոցներ է արտադրում, հասարակական փոխ-կապիտալի ոչ մի մաս չի արտադրում։ Նա արտադրում է այնպիսի արդյունքներ միայն, որոնք իրենց բնաձևով նախանշված են I-ում ու II-ում փոփոխուն կապիտալի ու հավելարժեքի արժեքն իրացնելու համար։

Երբ մարդ հասարակական քննելակերպի մասին է խոսում, ուրեմն երբ հասարակական ամբողջ արդյունքն է քննում, որը յուր մեջ պարփակում է ինչպես հասարակական կապիտալի վերարտադրությունը, այնպես էլ անհատական սպառումը, ապա չպետք է գլորվի Պրուդոնի՝ բուրժուական տնտեսագիտությունից փոխառած շարժուձևի մեջ և բանն այնպես նկատի, որ արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող մի հասարակություն, en bloc, որպես ամբողջության քննած, իբր թե կորցնում է յուր մասնահատուկ, պատմական տնտեսական բնույթը։ Ընդհակառակը։ Այս դեպքում մենք գործ ունենք հավաքական կապիտալիստի հետ։ Ամբողջ կապիտալը ներկայանում է իբրև բոլոր առանձին կապիտալիստների ընդհանրության բաժնետիրական կապիտալ։ Այս բաժնետիրական ընկերությունն այն ընդհանուր գիծն ունի ուրիշ բազմաթիվ բաժնետիրական ընկերությունների հետ, որ ամեն մեկն իմանում է, թե ինքն ինչ է ներդրում, բայց չգիտե, թե ի՛նչ է դուրս կորզում ինքը։

IX. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ Ա. ՍՄԻԹԻ, ՇՏՈՐԽԻ ՈՒ ՌԱՄՍԵՅԻ ՎՐԱ

Հասարակական արդյունքի ամբողջ արժեքն անում է 9 000 = 6 000 c + 1 500 v + 1 500 m, ուրիշ խոսքով՝ 6 000-ը վերարտադրում է արտադրամիջոցների արժեքը, իսկ 3 000-ն՝ սպառամիջոցների արժեքը։ Հետևաբար հասարակական հասույթի արժեքը (v + m) կազմում է ամբողջ արդյունարժեքի լոկ [math]^1/_3[/math]-ը, և սպառորդների — բանվորների, ինչպես և կապիտալիստների — ամբողջությունն այս մեկ երրորդականի արժեգումարի չափով միայն կարող է ապրանքներ, արդյունքներ կորզել հասարակական ամբողջ արդյունքից և մտցնել յուր սպառաֆոնդի մեջ։ Ընդհակառակը, 6 000-ը, որ = արդյունարժեքի [math]^2/_3[/math]-ին, արժեքն է հաստատուն կապիտալի, որը պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվի։ Այս գումարի արտադրամիջոցներն ուրեմն պետք է դարձյալ արտադրաֆոնդի մեջ մտցվեն։ Այս բանն Շտորխն էլ անհրաժեշտ է նկատում՝ առանց այս ապացուցել կարողանալու. Il est clail que la valeur du produit annuel se distribue partie en capitaux et partie en profits, et que chacune de ces parties de la valeur du produit annuel va régulièrement acheter les produits dont la nation a besoin, tant pour entretenir son capital que pour remplacer son fonds consommable... les produits qui constituent le capital d’une nation, ne sont point consommables. [«Պարզ է, որ տարեկան արդյունքի արժեքը կազմված է մասամբ կապիտալից, մասամբ հասույթներից, և որ տարեկան արդյունքի այս մասերից յուրաքանչյուրը կանոնավորապես գնում է արդյունքներ, որոնք ազգին անհրաժեշտ են թե՛ յուր կապիտալը վերականգնելու և թե՛ յուր սպառաֆոնդը փոխհատուցելու համար... Այն արդյունքները, որոնք ազգի կապիտալն են կազմում, սպառման ենթակա չեն։] (Storch «Considerations sur la nature du revenue national». Paris 1824, p. 150.)

Սակայն Ա. Սմիթն այս հեքիաթանման դոգման, որին մինչև, այսօր հավատում են, ցուցադրել է ոչ միայն արդեն հիշատակված ձևով, ըստ որի հասարակական ամբողջ արդյունարժեքը տրոհվում է հասույթի — աշխատավարձի, պլյուս ավելարժեքի, կամ, ինչպես ինքն է ասում, աշխատավարձի, պլյուս շահույթի (տոկոսի), պլյուս հողառենտայի, այլ և է՛լ ավելի ժողովրդականացրած ձևով, թե սպառորդները վերջին հաշվով (ultimately) պետք է արտադրողներին վճարահատուցեն ամբողջ արդյունարժեքը. Սա քաղաքատնտեսության այսպես կոչված գիտության ամենից արժանահավատ ընդհանուր տեղիներից ու, ավելի շուտ, հավիտենական ճշմարտություններից մեկն է մինչև այսօր։ Սա ակնառու է դարձվում հետևյալ ճշմարտանման եղանակով։ Վերցնենք մի որևէ առարկա, օրինակ, վշե շապիկներ։ Նախ՝ վշամանվածքի մանագործարանատերը պետք է վշագործին վճարի վշի ամբողջ արժեքը, ուրեմն վճարահատուցի վշասերմացուն, պարարտանյութեր, բանող անասունի կերը և այլն այն արժեմասի հետ միասին, որ այս արդյունքին փոխանցում է վշագործի հաստատուն կապիտալը, ինչպիսիք են շենքերը, երկրագործական կահույքը և այլն. նա պետք է վճարահատուցի վշի արտադրության մեջ վճարված աշխատավարձը, այն հավելարժեքը (շահույթ, հողառենտա), որ պարունակվում է վշի մեջ, վերջապես վշի փոխադրածախքերը սրա արտադրավայրից մինչև մանագործարանը։ Հետո, մանածագործարանատերը պետք է վշամանվածքի մանագործարանատիրոջը հատուցելով վերադարձնի ոչ միայն վշի այս գինը, այլև մեքենաների, շենքերի և այլոց, կարճ ասած՝ հաստատուն կապիտալի այն արժեմասը, որը վշին է փոխանցվում, այնուհետև պետք է վճարահատուցի մանելու պրոցեսում բանեցված օժանդակ նյութերը, մանորդի աշխատավարձը, հավելարժեքը և այլն, և բանն այսպես շարունակվում է ճերմակարարի, պատրաստի կտավի փոխադրածախքերի, վերջապես շապկագործարանատիրոջ վերաբերմամբ, որը վճարահատուցած է լինում առաջվա այն բոլոր արտադրողների ամբողջ գինը, որոնք նրան մատակարարել են նրա հումքը միայն։ Հիմա շապկագործարանատիրոջ ձեռքում տեղի է ունենում հետագա արժեմիակցումը՝ մասամբ այն հաստատուն կապիտալի արժեքի միջոցով, որն աշխատամիջոցների, օժանդակ նյութերի և այլոց ձևով բանեցվում է շապկարտադրության մեջ, մասամբ էլ սրանում ծախսված այն աշխատանքի միջոցով, որով միակցվում է շապկագործի աշխատավարձի արժեքն ու շապկագործարանատիրոջ հավելարժեքը։ Ասենք, թե այս ամբողջ շապկարդյունքը վերջիվերջո արժենում է 100 £, և թող սա լինի տարեկան ամբողջ արդյունարժեքի այն բաժինը, որ հասարակությունը ծախսում է շապիկների վրա։ Շապիկների սպառորդները վճարում են 100 £, ուրեմն շապիկներում պարունակված՝ բոլոր արտադրամիջոցների արժեքը, ինչպես և աշխատավարձն ու հավելարժեքը վշագործի, մանագործարանատիրոջ, մանածագործարանատիրոջ, ճերմակարարի, շապկագործարանատիրոջ, այլև, բոլոր փոխադրողների։ Այս լիովին ճիշտ է։ Այս իրոք այնպիսի բան է, որ տեսնում է ամեն մի երեխա։ Բայց այնուհետև ասում են, թե բանն այսպես է մյուս բոլոր ապրանքների արժեքի վերաբերմամբ։ Պետք է ասվեր, թե բանն այսպես է բոլոր սպառամիջոցների արժեքի վերաբերմամբ, հասարակական այն արդյունամասի արժեքի վերաբերմամբ, որը մտնում է սպառարժեքների մեջ, ուրեմն հասարակական արդյունարժեքի այն մասի վերաբերմամբ, որը կարող է իբրև հասույթ ծախսվել։ Այս բոլոր ապրանքների արժեգումարն անշուշտ հավասար է նրանց վրա բանեցված արտադրամիջոցների (հաստատուն կապիտալամասերի) արժեքին, պլյուս այն արժեքին, որ վերջում ավելացված աշխատանքն է ստեղծել (աշխատավարձ, պլյուս հավելարժեք)։ Հետևաբար սպառորդների ամբողջությունը կարող է այս ամբողջ արժեգումարը վճարահատուցել այն պատճառով, որ թեև ամեն մի առանձին ապրանքի արժեքը կազմված է c + v + m-ից, բայց սպառաֆոնդի մեջ մտնող բոլոր ապրանքների արժեգումարը միասին վերցրած, ըստ յուր մաքսիմումի, կարող է հավասար լինել հասարակական արդյունարժեքի այն մասին միայն, որը տրոհվում է v + m-ի, այսինքն հավասար է այն արժեքին, որը տարվա ընթացքում ծախսված աշխատանքը միակցել է առկա գտնվող արտադրամիջոցներին — հաստատուն կապիտալարժեքին։ Իսկ ինչ վերաբերում է հաստատուն կապիտալարժեքին, ապա մենք տեսել ենք, որ նա հասարակական արդյունամասսայից առնվելով փոխարինվում է երկակի եղանակով։ Առաջին. սպառամիջոցներ արտադրող II կապիտալիստների փոխանակության միջոցով I կապիտալիստների հետ, որոնք փոխարենն արտադրամիջոցներ են արտադրում։ Եվ այստեղ է ահա աղբյուրն այն ֆրազի, թե ա՛յն, ինչ որ կապիտալ է մեկի համար, մյուսի համար հասույթ է։ Բայց բանն այսպես չի։ 2 000 IIc-ն, որ գոյություն ունի 2 000-անոց արժեք ունեցող սպառամիջոցների ձևով, II կապիտալիստների դասակարգի համար հաստատուն կապիտալարժեք է կազմում։ Ուրեմն նրանք չեն կարող իրենք սպառել այն, չնայած որ արդյունքն ըստ յուր բնաձևի պետք է որ սպառվի։ Մյուս կողմից՝ 2 000 I (v + m)-ն I կապիտալիստների դասակարգն ու բանվոր դասակարգի արտադրած աշխատավարձը, պլյուս հավելարժեքն է։ Սրանք գոյություն ունեն արտադրամիջոցների բնաձևով, այնպիսի իրերի բնաձևով, որով նրանց սեփական արժեքը չի կարող սպառվել։ Հետևաբար մենք այստեղ ունենք 4 000-անոց մի արժեգումար, որից կեսն, ինչպես փոխանակությունից առաջ, այնպես էլ հետո, փոխարինում է հաստատուն կապիտալին միայն, է կեսն էլ միմիայն հասույթ է կազմում։— Իսկ երկրորդ. I ստորաբաժանման հաստատուն կապիտալը փոխարինվում է in natura [բնեղեն կերպարանքով] մասամբ I կապիտալիստների միջև փոխանակվելով, մասամբ էլ ամեն մի առանձին ձեռնարկության շրջանակում in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվելով։

Այն ֆրազը, թե տարեկան ամբողջ արդյունարժեքը վերջիվերջո պետք է սպառորդների կողմից վճարահատուցվի, լոկ այն ժամանակ ճիշտ կլիներ, եթե սպառորդներ ասելով հասկանային երկու բոլորովին տարբեր տեսակ սպառորդներ — անհատական ապառորդներին ու արտադրողական սպառորդներին։ Բայց այն դրույթը, թե արդյունքի մի մասը պետք է արտադրողաբար սպառվի, չէ՞ որ ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ նա պետք է որպես կապիտալ գործի և չի կարող իբրև հասույթ սպառվել։

Եթե մենք ամբողջ արդյունքի արժեքը, որ = 9 000, բաժանենք 6 000 c + 1 500 v + 1 500 m-ի, իսկ 3 000 (v + m)-ը քննարկենք յուր, իբրև հասույթի հատկության կողմից միայն, ապա, ընդհակառակը, կթվա, որ փոփոխուն կապիտալը չքանում է, և կապիտալը, հանրորեն քննած, միմիայն հաստատուն կապիտալից է կազմված։ Որովհետև այն, ինչ որ սկզբնապես իբրև 1 500 v էր հանդես գալիս, տրոհվել է հասարակական հասույթի մի մասի, աշխատավարձի, բանվոր դասակարգի հասույթի, և սրանով նրա կապիտալային բնույթը չքացել է։ Իրոք հենց այս հետևությունն է հանել Ռամսեյը։ Նրա ասելով՝ կապիտալը, հանրորեն քննած, միմիայն հիմնական կապիտալից է կազմված, բայց հիմնական կապիտալ ասելով նա հասկանում է հաստատուն կապիտալը, արտադրամիջոցներից բաղկացած արժեմասսան, լինեն այս արտադրամիջոցներն աշխատամիջոցներ, թե աշխատանյութեղեն, ինչպիսիք են հումքը, կիսաֆաբրիկատը, օժանդակ նյութը և այլն, միևնույն է։ Նա փոփոխուն կապիտալն անվանում է շրջանառու. Circulating capital consists only of subsistence and other necessaries advanced to the workmen, previous to the completion of the produce of their labour... Fixed capital alone, not circulating, is properly speaking a source of national wealth... Circulating capital is not an immediate agent in production, nor essential to it at all, but merely a convenience rendered necessary by the deplorable poverty of the mass of the people... Fixed capital alone constitutes an element of cost of production in a national point of view. [«Շրջանառու կապիտալը կազմված է բացառապես կենսամիջոցներից և ուրիշ անհրաժեշտ առարկաներից, որոնք կանխավճարվում են բանվորների համար, քանի դեռ չի ավարտվել նրանց աշխատանքի արդյունքը... Ստույգն ասած՝ ոչ թե շրջանառու, այլ հիմնական կապիտալն է ազգային հարստության աղբյուրը... Շրջանառու կապիտալն արտադրության անմիջական գործոնը չի և ընդհանրապես էական նշանակություն չունի արտադրության համար. նա լոկ այն պայմանն է, որն անհրաժեշտ է դարձել ժողովրդական բազմության ողբալի աղքատության հետևանքով... Ազգային տեսակետից միմիայն հիմնական կապիտալն է կազմում արտադրության ծախքերի տարրը։»] (Ramsay, l. c., p. 23—26 passim.) (Ռամսեյը հիմնական կապիտալը, որի տակ նա հաստատուն կապիտալն է հասկանում, ավելի մոտից պարզաբանում է հետևյալ կերպով. The length of time during which any portion of the product of that labour (այն է՝ labour bestowed on any commodity) has existed as fixed capital, i.e. in a form in which, though assisting to raise the future commodity, it does not maintain labourers. [«Այն ժամանակի տևողությունը, որի ընթացքում այս աշխատանքի (այն է՝ մի որևէ ապրանք արտադրելու համար նպատակադրված աշխատանքի) արդյունքի մի մասը գոյություն ուներ իբրև հիմնական կապիտալ, այսինքն գոյություն ուներ մի այնպիսի ձևով, որում նա թեև գործակցում է ապագա ապրանք արտադրելուն, բայց բանվորներին ապրուստ չի տալիս։»] (p. 59.)

Այստեղ մենք նորից տեսնում ենք այն չարիքը, որ պատճառել է Ա. Սմիթը հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարբերությունը հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերության մեջ սուզել-թաղելով։ Ռամսեյի հաստատուն կապիտալը կազմված է աշխատամիջոցներից, շրջանառու կապիտալը՝ կենսամիջոցներից. երկուսն էլ տվյալ արժեք ունեցող ապրանքներ են. առաջինները նույնքան քիչ կարող են հավելարժեք արտադրել, որքան և երկրորդները։

X. ԿԱՊԻՏԱԼ ՈՒ ՀԱՍՈՒՅԹ.— ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ[18]

Տարեկան ամբողջ վերարտադրությունը, այս տարվա ամբողջ արդյունքն այս տարվա օգտակար աշխատանքի արդյունքն է։ Բայց այս ամբողջ արդյունքի արժեքն ավելի մեծ է, քան նրա այն արժեմասը, որում մարմնացած է տարեկան աշխատանքն իբրև այս տարում ծախսված աշխատույժ։ Այս տարվա արժեքային արդյունքը, նույն այս տարում ապրանքաձևով նոր ստեղծված արժեքն ավելի փոքր է, քան արդյունարժեքը, ամբողջ տարվա ընթացքում պատրաստված ապրանքամասսայի ընդհանուր արժեքը։ Այն տարբերությունը, որ մենք ստանում ենք, երբ տարեկան արդյունքի ամբողջ արժեքից հանում ենք այն արժեքը, որ հիշյալ արդյունքին միակցվել է ընթացիկ տարվա աշխատանքի շնորհիվ, ոչ թե իսկապես վերարտադրված արժեք է, այլ նոր գոյաձևով վերահայտնվող արժեք միայն, արժեք, որը տարեկան արդյունքին փոխանցված է դրանից առաջ գոյություն ունեցող արժեքից, արժեք, որը, նայած այն հաստատուն կապիտալաբաղադրամասերի տևողությանը, որոնք գործակցել են այս տարվա հասարակական աշխատապրոցեսին, կարող է ավելի վաղ կամ թե ավելի ուշ թվականի ծագումն ունենալ, որը կարող է առաջ գալ մի այնպիսի արտադրամիջոցի արժեքից, որն աշխարհ է եկել նախորդ տարում կամ թե ավելի վաղ տարիների մի շարքում։ Սա ամեն պարագայում մի այնպիսի արժեք է, որն անցյալ տարվա արտադրամիջոցներից փոխանցված է ընթացիկ տարվա արդյունքին։

Եթե մենք վերցնենք մեր սխեման, ապա I-ի և II-ի միջև ու II-ի ներսում այն տարրերի փոխանակությունից հետո, որ քննել ենք մինչև հիմա, կունենանք.

I) 4 000 c + 1 000 v + 1 000 m (վերջին երկուսն իրացվելով՝ IIc սպառամիջոցների են փոխարկվում) = 6 000։

II) 5 000 c (վերարտադրվում է՝ I (v + m)-ի հետ փոխանակվելով) + 500 v + 500 m = 3 000։

Արժեգումարը = 9 000։

Տարվա ընթացքում նոր արտադրված արժեքը պարունակվում է v-ի ու m-ի մեջ միայն։ Հետևաբար այս տարվա արժեքային արդյունքի գումարը հավասար է v + m-ի գումարին, = 2 000 I (v + m) + 1 000 II (v + m) = 3 000։ Այս տարվա արդյունարժեքի մնացած բոլոր արժեմասերը լոկ այնպիսի արժեք ենք որը տարեկան արտադրության վրա բանեցված, նախկին արտադրամիջոցների արժեքից է փոխանցվել։ Ընթացիկ տարվա աշխատանքն ուրիշ ոչ մի արժեք չի արտադրել, բացի 3 000-անոց արժեքից. սա է նրա տարեկան արժեքային ամբողջ արդյունքը։

Իսկ արդ, ինչպես տեսանք, 2 000 I (v + m)-ը II դասակարգի համար սրա 2 000 IIc-ին է փոխարինում արտադրամիջոցների բնաձևով։ Այսպիսով ուրեմն տարեկան աշխատանքի երկու երրորդով, որը ծախսվել է I կատեգորիայում, նորապես արտադրվում է II հաստատուն կապիտալը, թե՛ սրա ամբողջ արժեքն ու թե՛ սրա բնաձևը։ Հետևաբար տարվա ընթացքում ծախսված աշխատանքի երկու երրորդը, հանրորեն քննած, ստեղծել է նոր հաստատուն կապիտալարժեք, որը համապատասխան բնաձևով իրացվել է II ստորաբաժանման մեջ։ Ուրեմն հասարակական տարեկան աշխատանքի ավելի մեծ մասը ծախսվել է նոր հաստատուն կապիտալի (արտադրամիջոցների ձևով գոյություն ունեցող կապիտալարժեքի) արտադրության վրա՝ փոխարինելու համար այն հաստատուն կապիտալարժեքը, որը ծախսվել էր սպառամիջոցների արտադրության մեջ։ Կապիտալիստական հասարակությունը վայրենուց տարբերողը ոչ թե, ինչպես Սենիորն[19] է կարծում, այն է, որ վայրենու արտոնությունն ու առանձնահատկությունն է՝ յուր աշխատանքը ծախսել մի հայտնի ժամանակում, որը նրա համար ոչ մի հասույթ, այսինքն սպառամիջոցների վերածելի (փոխարկելի) արգասիքներ չի ստեղծում, այլ տարբերությունն այս է.—

ա) Կապիտալիստական հասարակությունը յուր տրամադրության տակ ունեցած տարեկան աշխատանքի ավելի մեծ քանակն է կիրառում արտադրամիջոցների (ergo [ուրեմն] հաստատուն կապիտալի) արտադրության վրա, որոնք չեն կարող հասույթի վերածվել ո՛չ աշխատավարձի ու ոչ էլ հավելարժեքի ձևով, այլ միմիայն իբրև կապիտալ կարող են գործել։

բ) Երբ վայրենին աղեղ, նետեր, քարե մուրճեր, կացիններ, զամբյուղներ և այլն է շինում, ապա շատ լավ գիտե, որ այսպես կիրառած ժամանակը նա սպառամիջոցներ պատրաստելու վրա չի գործադրել, որ ուրեմն նա արտադրամիջոցների նկատմամբ ունեցած յուր կարիքն է լրացրել և ուրիշ ոչինչ։ Բացի սրանից, վայրենին տնտեսական մի ծանր մեղանչում է գործում նրանով, որ նա կատարելապես անտարբեր է ժամանակը ծախսելու վերաբերմամբ է շատ անգամ, ինչպես Թայլորն է պատմում, նա, օրինակ, մեկ ամբողջ ամիս է գործադրում մի նետ պատրաստելու համար։[20]

Ընթացիկ պատկերացումը, որով քաղաքատնտեսների մի մասը ձգտում է յուր վզից թոթափելու այն թեորիական դժվարությունը, այսինքն իրական կապի ըմբռնումը, թե այն, ինչ որ կապիտալ է մեկի համար, մյուսի համար հասույթ է, և ընդհակառակը,— հիշյալ պատկերացումը մասամբ ճիշտ է, իսկ հենց որ իբրև ընդհանրական դրույթ է ցուցադրվում, բոլորովին սխալ է (հետևաբար մի կատարյալ թյուրիմացություն է պարունակում փոխանակման այն ամբողջ պրոցեսի վերաբերմամբ, որը տեղի է ունենում տարեկան վերարտադրության կապակցությամբ, ուրեմն և մի թյուրիմացություն՝ մասամբ ճիշտ դրույթի փաստական պատվանդանի վերաբերմամբ)։

Հիմա մենք ամփոփատրում ենք այն փաստական հարաբերությունները, որի վրա հիմնվում է այս պատկերացման մասնակի ճշտությունը, ընդվորում միաժամանակ երևան է գալիս այս հարաբերությունների սխալ ըմբռնումը։

1) Փոփոխուն կապիտալն իբրև կապիտալ գործում է կապիտալիստի ձեռին և որպես հասույթ գործում է վարձու բանվորի ձեռքում։

Փոփոխուն կապիտալը գոյություն ունի ամենից առաջ կապիտալիստի ձեռին իբրև դրամակապիտալ. նա գործում է որպես դրամակապիտալ այն ժամանակ, երբ կապիտալիստը նրանով աշխատույժ է գնում։ Քանի դեռ այս կապիտալը նրա ձեռին դրամաձևով է հարամնում, հիշյալն ուրիշ ոչինչ չի, քան եթե դրամաձևով գոյություն ունեցող տվյալ արժեք, հետևաբար մի հաստատուն ու ոչ թե փոփոխուն մեծություն։ Նա լոկ պոտենցիալ փոփոխուն կապիտալ է — հենց աշխատույժի փոխարկվելու յուր ունակությամբ։ Իրական փոփոխուն կապիտալ նա դառնում է յուր դրամաձևը թոթափելուց հետո միայն, այն բանից հետո, երբ նա փոխարկվել է աշխատույժի, և սա կապիտալիստական պրոցեսում գործում է իբրև արտադրողական կապիտալի բաղադրամաս։

Այն փողը, որ սկզբում կապիտալիստի համար գործում էր որպես փոփոխուն կապիտալի դրամաձև, հիմա բանվորի ձեռին գործում է իբրև դրամաձևը յուր աշխատավարձի, որը նա կենսամիջոցների է փոխարկում. ուրեմն գործում է որպես դրամաձևը յուր հասույթի, որը նա կորզում է յուր աշխատույժի միշտ կրկնվող վաճառքից։

Այստեղ մեր առջև ունենք այն պարզ իրողությունը միայն, որ գնորդի, այս դեպքում կապիտալիստի, փողը սրա ձեռից անցնում է վաճառորդի, այս դեպքում աշխատույժը ծախողի, բանվորի ձեռը։ Այստեղ ոչ թե փոփոխուն կապիտալն է, որ երկակի է գործում, որպես կապիտալ՝ կապիտալիստի համար ու իբրև հասույթ՝ բանվորի համար, այլ միևնույն փողն է, որ առաջ կապիտալիստի ձեռին գոյություն է ունենում որպես յուր փոփոխուն կապիտալի դրամաձև, ուրեմն իբրև պոտենցիալ փոփոխուն կապիտալ, և որը, երբ կապիտալիստն աշխատույժի է փոխարկում, բանվորի ձեռին ծառայում է որպես յուր ծախած աշխատույժի համարժեք։ Իսկ որ միևնույն փողը վաճառորդի ձեռքում մի ուրիշ օգտագործումն է ունենում, քան գնորդի ձեռին, այս մի երևույթ է, որը հատուկ է ապարանքների ամեն առուծախին։

Ջատագով տնտեսագետները բանը սխալ են ներկայացնում, ինչպես ամենից լավ երևան է գալիս այս, երբ մենք, առանց այլևս հաջորդի մասին հոգս անելու, բացառապես աչքի առաջ ենք ունենում շրջանառության լոկ Փ—Աշ (= Փ—Ա) ակտը, կապիտալիստական գնորդի կողմից փողն աշխատույժի փոխարկելը, Աշ—Փ (= Ա—Փ)-ն, աշխատույժ կոչված ապրանքը վաճառորդի, բանվորի կողմից փողի վերածելը։ Նրանք ասում են. միևնույն փողն այստեղ երկու կապիտալ է իրացնում գնորդը — կապիտալիստը յուր դրամակապիտալը փոխարկում է կենդանի աշխատույժի, որը նա միակցում է յուր արտադրողական կապիտալին. մյուս կողմից՝ վաճառորդը — բանվորը — յուր ապրանքը — աշխատույժը — փոխարկում է դրամի, որը նա ծախսում է իբրև հասույթ, որով հենց ընդունակ է դառնում նա յուր աշխատույժը միշտ էլի նորից ծախելու և այսպիսով պահպանելու այն. հետևաբար նրա աշխատույժը նրա հենց ապրանքաձևով կապիտալն է, որից միշտ բղխում է նրա հասույթը։ Իրականում աշխատույժը նրա (միշտ նորոգվող, վերարտադրողական) ունակությունն է և ոչ թե նրա կապիտալը։ Աշխատույժը միակ ապրանքն է, որ բանվորը միշտ կարող է և ստիպված է ծախելու, որ ապրի, և որը միմիայն գնորդի, կապիտալիստի, ձեռին է գործում իբրև (փոփոխուն) կապիտալ։ Որ մեկ մարդ բռնադատված է յուր աշխատույժը, այսինքն հենց իրեն, միշտ նորից ու նորից ծախելու մի երրորդ անձի,— ըստ հիշյալ տնտեսագետների այս ապացուցում է, թե նա մի կապիտալիստ է, որովհետև նա միշտ պետք է «ապրանք» (հենց իրեն) ծախի։ Այս իմաստով առած՝ ստրուկն էլ է կապիտալիստ դառնում, թեև նա մեկ անգամ ընդմիշտ է որպես ապրանք ծախվում մի երրորդ անձի. որովհետև այս ապրանքի — բանող ստրուկի — բնության հետ զուգորդված է այն, որ նրա գնորդը ոչ միայն նորից աշխատեցնում է նրան ամեն մի օր, այլ և նրան տալիս է այն կենսամիջոցներն էլ, որոնց շնորհիվ այս ապրանքը նորից ու նորից կարող է դարձյալ աշխատել։ — (Համեմատիր սրա վերաբերմամբ Սիսմոնդի ու Սեյ՝ Մալթուսին ուղղած նամակներում)։

2) Այսպիսով ուրեմն, 1 000 Iv + 1 000 Im-ի՝ 2 000 IIc-ի հետ կատարած փոխանակության մեջ այն, ինչ որ հաստատուն կապիտալ է ոմանց համար (2 000 IIc), ուրիշների համար փոփոխուն կապիտալ ու հավելարժեք է, հետևաբար հասույթ է ընդհանրապես, իսկ այն, որ փոփոխուն կապիտալ է ու հավելարժեք (2 000 I (v + m)), ուրեմն ընդհանրապես հասույթ է ոմանց համար, ուրիշների համար հաստատուն կապիտալ է դառնում։

Քննենք ամենից առաջ Iv-ի փոխանակությունը IIc-ի հետ և այն էլ նախ բանվորի տեսակետից։

I-ի հավաքական բանվորը յուր աշխատույժը 1 000-ով ծախել է I-ի հավաքական կապիտալիստին. նա այս արժեքը դրամով վճարված ստանում է աշխատավարձի ձևով։ Այս փողով նա միևնույն արժեգումարի սպառամիջոցներ է գնում II-ից։ II կապիտալիստը բանվորին լոկ իբրև ապրանքավաճառ է հանդիպակայում և ուրիշ ոչինչ, նույնիսկ այն դեպքում էլ, երբ բանվորը յուր սեփական կապիտալիստից է գնում, ինչպես, օրինակ, վերևում (էջ 382) 500 IIv-ի փոխանակության ժամանակ։ Շրջանառության այն ձևը, որ կատարում է նրա ապրանքը, աշխատույժը, պահանջմունքների սոսկական բավարարմանը, սպառմանն ուղղված պարզ ապրանքաշրջանառության Ա (աշխատույժ)—Փ—Ա(սպառամիջոց, II ապրանք) ձևն է։ Շրջանառության այս ակտի հետևանքը սա է, որ բանվորն իրեն պահած է լինում որպես աշխատույժ I կապիտալիստի համար և որ հետագայում էլ իբրև այսպիսին պահպանելու համար նա միշտ պետք է նորից կրկնի Աշ (Ա)—Փ—Ա պրոցեսը։ Նրա աշխատավարձն իրացվում է սպառամիջոցների փոխարկվելով, այն ծախսվում է իբրև հասույթ և, եթե բանվոր դասակարգը որպես ամբողջություն վերցնենք, նրա աշխատավարձը միշտ էլի ծախսվում է որպես հասույթ։

Հիմա մենք քննենք Iv-ի նույն փոխանակությունը IIc-ի հետ կապիտալիստի տեսակետից։ II-ի ամբողջ ապրանքարդյունքը կազմված է սպառամիջոցներից, ուրեմն այնպիսի իրերից, որոնք նախանշված են տարեկան սպառման մեջ մանելու, հետևաբար որևէ մեկին, այստեղ քննարկվող դեպքում՝ I հավաքական բանվորին ծառայելու՝ հասույթի իրացման համար։ Բայց II հավաքական կապիտալիստի համար նրա ապրանքարդյունքի մի մասը, որ = 2 000, այժմ ապրանք դարձրած ձևն է նրա արտադրողական կապիտալի հաստատուն կապիտալարժեքի, կապիտալ, որն ապրանքաձևից էլի պետք է հետ փոխարկվի այն բնաձևին, որով նա նորից կարող է իբրև արտադրողական կապիտալի հաստատուն մաս գործել։ II կապիտալիստը մինչև հիմա այն բանին է հասել, որ նա ապրանքաձևով (սպառամիջոցների ձևով) վերարտադրված յուր հաստատուն կապիտալարժեքի կեսը (= 1 000) դրամաձևի է հետ փոխարկել I բանվորներին ծախելու միջոցով։ Ուրեմն և Iv փոփոխուն կապիտալը չի, որ փոխարկվել է IIc հաստատուն կապիտալարժեքի այս առաջին կեսին, այլ այն փողը, որն I-ի համար իբրև դրամակապիտալ էր գործում աշխատույժի հետ փոխանակելու ժամանակ, այն փողն այսպիսով եկել, ընկել էր աշխատույժի վաճառորդի տնօրինության տակ, իսկ այս վաճառորդի համար հիշյալը կապիտալ չի ամենևին, այլ դրամաձևով հասույթ է, այսինքն իբրև սպառամիջոցների գնելամիջոց է ծախսվում։ Մյուս կողմից՝ այն փողը, որ = 1 000 և որն I-ի բանվորներից հոսել է II կապիտալիստների ձեռը, չի կարող գործել որպես II արտադրողական կապիտալի հաստատուն տարր։ Նա դեռ յուր ապրանքակապիտալի դրամաձևն է միայն, որը դեռ պետք է փոխարկվի հաստատուն կապիտալի հիմնական կամ թե շրջանառու բաղադրամասերի։ Այսպիսով ուրեմն, II-ն այն փողով, որ կորզել էր I բանվորներից, յուր ապրանքի գնորդներից, 1 000-անոց գումարի արտադրամիջոցներ է գնում I-ից։ Սրանով II հաստատուն կապիտալարժեքն ամբողջ գումարի կեսի չափով նորանում է՝ այն բնաձևին փոխարկվելով, որով նա էլի կարող է իբրև արտադրողական կապիտալի տարր գործել։ Ընդսմին շրջանառության ձևը հետևյալն էր. Ա—Փ—Ա, այսինքն՝ 1 000-անոց արժեքով սպառամիջոցներ—փող, որ = 1 000-ի,— 1 000-անոց արժեքով արտադրամիջոցներ։

Բայց Ա—Փ—Ա-ն այստեղ կապիտալաշարժումն է։ Ա-ն, ծախվելով բանվորներին, դառնում է Փ, իսկ այս Փ-ն արտադրամիջոցների է փոխարկվում. սա ապրանքից հետափոխարկվելն է այս ապրանքի նյութական կազմիչ տարրերի։ Մյուս կողմից՝ ինչպես որ II կապիտալիստն II-ի հանդեպ լոկ ապրանքավաճառ է, այնպես էլ I կապիտալիստն այստեղ գործում է II-ի նկատմամբ իբրև ապրանքավաճառ միայն։ I-ը 1 000-անոց փողով, որը նախանշված էր որպես փոփոխուն կապիտալ գործելու, 1 000-անոց արժեք ունեցող աշխատույժ է գնել սկզբում. հետևաբար նա դրամաձևով դուրս տված յուր 1 000 v-ի փոխարեն մի համարժեք է ստացել. փողը հիմա պատկանում է բանվորին, որն այս ծախսում է II-ից գնումներ անելու վրա. այս փողը, որն այս ճանապարհով II-ի գանձարկղն է լցվել, I-ը կարող է հետ ստանալ լոկ նրանով, որ միևնույն արժեգումարի ապրանքներ ծախելով դուրս ճանկի այն։

Սկզբում I-ը մի որոշ դրամագումար, որ = 1 000, նախանշել էր որպես փոփոխուն կապիտալամաս գործելու. նա իբրև այսպիսին գործում է այն բանի հետևանքով, որ միևնույն արժեգումարի աշխատույժի է փոխարկվում ինքը։ Բայց բանվորն I-ին իբրև արտադրապրոցեսի հետևանք մատակարարել է 6 000-անոց արժեք ունեցող մի ապրանքամասսա (արտադրամիջոցներ), որից [math]^1/_6[/math]-ը կամ 1 000-ն ըստ յուր արժեքի՝ դրամով կանխավճարված փոփոխուն կապիտալամասի մի համարժեք է։ Փոփոխուն կապիտալարժեքն ինչպես որ առաջ յուր դրամաձևով, այնպես էլ հիմա յուր ապրանքաձևով չի գործում իբրև փոփոխուն կապիտալ. այս բանը նա կարող է անել այնուհետև կենդանի աշխատույժի փոխարկվելուց հետո միայն և լոկ այնքան ժամանակ, քանի դեռ աշխատույժը գործում է արտադրապրոցեսում։ Փոփոխուն կապիտալարժեքն իբրև փող միմիայն պոտենցիալ փոփոխուն կապիտալ էր։ Բայց նա գտնվում էր մի այնպիսի ձևում, որով նա կարող է ուղղակի աշխատույժի փոխարկվել։ Նույն այս փոփոխուն կապիտալարժեքը որպես ապրանք դեռ միմիայն պոտենցիալ դրամարժեք է. նա սկզբնական դրամաձևով վերականգնվում է ապրանքի ծախվելովը միայն, այստեղ ուրեմն այն բանի հետևանքով, որ II-ը 1 000-ով ապրանք է գնում I-ից։ Շրջանառության շարժումն այստեղ հետևյալն է. 1 000 v (փող)—1 000-անոց արժեք ունեցող աշխատույժ — 1 000-անոց ապրանք (փոփոխուն կապիտալի համարժեք)—1 000 v (փող). ուրեմն Փ—Ա ... Ա—Փ (= Փ—Աշ ... Ա—Փ)։ Ա—Ա-ի արանքում ընկնող բուն իսկ արտադրապրոցեսը շրջանառության ոլորտին չի պատկանում. նա հանդես չի գալիս տարեկան վերարտադրության տարբեր տարրերի՝ միմյանց հետ փոխանակվելու պրոցեսում, չնայած որ այս փոխանակությունը յուր մեջ պարփակում է արտադրողական կապիտալի բոլոր տարրերի — ինչպես նրա հաստատուն, այնպես էլ փոփոխուն տարրի, աշխատույժի — վերարտադրությունը։ Այս փոխանակության բոլոր կրիչները երևան են գալիս լոկ իբրև գնորդներ ու վաճառորդներ կամ թե որպես երկուսն էլ. բանվորները նրանում հանդես են գալիս իբրև ապրանքագնորդներ միայն. կապիտալիստները՝ փոփոխակի որպես գնորդներ ու վաճառորդներ, իսկ որոշ սահմաններում էլ լոկ իբրև միակողմանի ապրանքագնորդներ կամ թե որպես միակողմանի ապրանքավաճառներ։

Հետևանքն այն է, որ I-ը յուր կապիտալի փոփոխուն արժեմասն էլի ունենում է յուր ձեռին, դրամաձևով, որից միայն կարող է հիշյալն ուղղակի աշխատույժի փոխարկվել, այսինքն էլի ունենում է այն միակ ձևով, որով այն իսկապես կարող է կանխավճարվել իբրև նրա արտադրողական կապիտալի փոփոխուն տարր։ Մյուս կողմից՝ որպեսզի բանվորը դարձյալ իբրև ապրանքագնորդ մեջտեղ գալ կարողանա, նա հիմա պետք է առաջ էլի որպես ապրանքավաճառ, իբրև յուր աշխատույժը ծախող հանդես գա։

II կատեգորիայի փոփոխուն կապիտալի (500 Iv-ի) վերաբերմամբ շրջանառության պրոցեսն արտադրության նույն այս դասակարգի կապիտալիստների ու բանվորների միջև հանդես է գալիս չմիջնորդագործված ձևով, որչափով որ մենք այն քննարկում ենք իբրև մի պրոցես, որը կատարվում և II հավաքական կապիտալիստի ու II հավաքական բանվորի միջև։

II հավաքական կապիտալիստը 500 v-ն կանխավճարում է միևնույն արժեգումարի աշխատույժ գնելու համար. հավաքական կապիտալիստն այստեղ գնորդ է, հավաքական բանվորը՝ վաճառորդ։ Հետո էլ բանվորը յուր աշխատույժի փոխարեն ստացած դրամով հանդես է գալիս իբրև հենց յուր արտադրած ապրանքների մեկ մասի գնորդ։ Հետևաբար կապիտալիստն այստեղ վաճառորդ է։ Բանվորն արտադրված II ապրանքակապիտալի մի մասով, այն է՝ ապրանքի ձև ունեցող 500 v-ով կապիտալիստին վճարահատուցեց այն փողը, որ իրեն վճարել էին յուր աշխատույժը գնելիս. կապիտալիստը հիմա ապրանքաձևով յուր ձեռին ունի նույն այն v-ն, որ դրամաձևով ուներ աշխատույժի փոխարկելուց առաջ. մյուս կողմից՝ բանվորը յուր աշխատույժի արժեքն իրացրեց՝ դրամի փոխարկելով, իսկ հիմա էլ այս փողն է իրացնում այն եղանակով, որ յուր սպառմանը բավարարություն տալու համար այն փողն իբրև հասույթ ծախսում է հենց յուր արտադրած սպառամիջոցների մեկ մասը գնելու վրա։ Սա բանվորի՝ դրամաձև ունեցող հասույթի փոխանակություն է կապիտալիստի 500 v ապրանքաբաղադրամասի հետ, որը հենց բանվորն ինքն էր վերարտադրել ապրանքաձևով։ Այսպիսով այս փողը վերադառնում է II կապիտալիստին որպես յուր փոփոխուն կապիտալի դրամաձև։ Դրամաձև ունեցող համարժեքային հասութարժեքն այստեղ փոխարինում է ապրանքաձև ունեցող փոփոխուն կապիտալարժեքին։

Կապիտալիստը նրանով չի հարստանում, որ այն փողը, որը նա բանվորին վճարած է լինում աշխատույժը գնելիս, նրանից էլի հետ է կորզում՝ բանվորին մի համարժեքային ապրանքամասսա ծախելով։ Նա բանվորին իսկապես երկու անգամ վճարած կլիներ, եթե նրան առաջ 500 վճարեր նրա աշխատույժը գնելիս և, բացի սրանից, դեռ ձրի էլ տար 500-անոց արժեք ունեցող այն ապրանքամասսան, որ նա արտադրել էր տվել բանվորին։ Ընդհակառակը, եթե բանվորը կապիտալիստի համար ավելի ոչինչ չարտադրեր, քան ապրանքաձև ունեցող 500-անոց մի համարժեք՝ յուր աշխատույժի 500-անոց գնի փոխարեն, ապա կապիտալիստը գործառնությունից հետո հենց ճիշտ նույն կետում մնացած կլիներ, ինչ կետում որ էր գործառնությունից առաջ։ Բայց բանվորը 3 000-անոց մի արդյունք է վերարտադրել. նա արդյունքի հաստատուն արժեմասը, այսինքն նրա վրա բանեցրած արտադրամիջոցների արժեքը, որ = 2 000, պահպանել է՝ հիշյալը նոր արդյունքի փոխարկելով. նա, բացի սրանից, այս տվյալ արժեքին ավելացրել է 1 000 (v + m)-անոց մի արժեք։ (Այն պատկերացումը, որ իբր թե կապիտալիաստը հարստանում է այն իմաստով, որ նա հավելարժեք շահում է 500-ի որպես դրամ հետհոսելու հետևանքով,— զարգացնում է Դեստյուատ դե-Տրասին, որի մասին ընդարձակորեն խոսում է այս գլխի XIII հատվածը։)

Բանվորի կողմից 500-անոց արժեք ունեցող սպառամիջոցները գնելու հետևանքով 500 IIv-անոց արժեքը, որ դեռ հենց նոր ուներ II կապիտալիստն ապրանքի ձևով, էլի վերադառնում է II կապիտալիստին իբրև դրամ, այն ձևով, որով նա սկզբնապես կանխավճարել էր այն։ Գործարքի անմիջական հետևանքը, ամեն մի այլ ապրանքավաճառի դեպքում եղածի նման, տվյալ արժեքի փոխակերպում է ապրանքաձևից դրամաձևի։ Փողի՝ դեպի յուր ելակետը հետհոսելը, որը միջնորդագործվում է հիշյալ գործարքով, նույնպես առանձնահատուկ բան չի ամենևին։ Եթե II կապիտալիստը դրամի ձև ունեցող 500-ով ապրանք գներ I կապիտալիստից և հետո յուր հերթին 500-անոց գումարի ապրանք ծախեր I-ին, ապա 500-ն էլի դեպի նա հետ կհոսեր դրամաձևով։ 500 փողը 1 000-անոց մի ապրանքամասսայի լոկ փոխանակությանը կծառայեր և ավելի առաջ շարադրված ընդհանրական օրենքի համաձայն հետ կհոսեր նրա մոտ, ով այս ապրանքամասսայի փոխանակության համար դրամը շրջանառության մեջ էր նետել։

Բայց 500 փողը, որը հետ հոսեց II կապիտալիստի մոտ, միաժամանակ՝ նորացված պոտենցիալ փոփոխուն կապիտալ է դրամաձևով։ Ինչո՞ւ է սա այսպես։ Դրամը, ուրեմն և դրամակապիտալը պոտենցիալ փոփոխուն կապիտալ է լոկ այն պատճառով ու այն չափով, որ պատճառով ու ինչ չափով նա կարող է աշխատույժի փոխարկվել։ 500 £ փողի՝ II կապիտալիստին վերադառնալուն ուղեկցում է II աշխատույժի՝ շուկա վերադառնալը։ Երկսի էլ հակադիր բևեռներ վերադառնալը — ուրեմն և 500 փողի վերահայտնվելը ոչ միայն իբրև փող, այլև որպես փոփոխուն կապիտալ դրամաձևով — պայմանավորված է միևնույն պրոցեդուրայով։ Փողը, որ = 500, հետ է հոսում II կապիտալիստի մոտ այն պատճառով, որ նա 500-անոց գումարի սպառամիջոցներ էր ծախել II բանվորին, հետևաբար այն պատճառով, որ բանվորը ծախսել է յուր աշխատավարձը, սրանով պահել է իրեն ու ընտանիքին և ընդսմին յուր աշխատույժն էլ։ Որպեսզի բանվորը կարողանա էլի ապրել ու դարձյալ իբրև ապրանքավաճառ հանդես գալ, նա պետք է նորից ծախի յուր աշխտատույժը։ Այսպիսով ուրեմն, դրամաձև ունեցող 500-ի՝ II կապիտալիստին վերադառնալը միաժամանակ վերադարձն է, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հարամնալն է աշխատույժի, որպես 500 դրամով գնելի ապրանքի և ընդսմին վերադարձն է 500 դրամի, որպես պոտենցիալ փոփոխուն կապիտալ։

Գալով պերճանքամիջոցներ արտադրող IIb կատեգորիային՝ սրա v-ի — (IIb)v-ի — վերաբերմամբ բանը նույնն է, ինչ որ էր Iv-ի վերաբերմամբ։ Այն փողը, որը IIb կապիտալիստի համար նորացնում է սրա փոփոխուն կապիտալը դրամաձևով, սրա մոտ հոսում է IIa կապիտալիստների ձեռքով շրջանցելով։ Բայց և այնպես մի տարբերություն կա, նայած թե բանվորներն իրենց կենսամիջոցներն ուղղակի այն կապիտալիստական արտադրողների՞ց են գնում, որոնց որ իրենց աշխատույժն են ծախում իրենք, թե՞ գնում են մի ուրիշ կատեգորիայի կապիտալիստներից, որոնց միջոցով փողը հետ է հոսում առաջինների մոտ՝ մի շրջուղով անցնելով միայն։ Որովհետև բանվոր դասակարգն օր դատում, օր ուտում է, ուստի նա կենսամիջոցներ գնում է այնքան ժամանակ, քանի դեռ գնել կարող է։ Ուրիշ է կապիտալիստի դեպքում, օրինակ, 1 000 IIc-ն 1 000 Iv-ի հետ փոխանակելիս։ Կապիտալիստն օր չի դատում, օր ուտում։ Յուր կապիտալի ամենահնարավոր արժեմեծացումը նրա մղիչ դրդապատճառն է։ Ուստի եթե հանդես են գալիս մի որևէ տեսակի այնպիսի հանգամանքներ, որոնց շնորհիվ II կապիտալիստին ավելի օգտավետ է թվում յուր հաստատուն կապիտալն անմիջապես նորացնելու փոխարեն հիշյալը, թեկուզ մասամբ, դրամաձևով պահել ավելի երկար ժամանակ, ապա 1 000-ի (դրամի ձևով) դեպի I-ը հետ հոսելը ձգձգվում է, հետևաբար ուշանում է 1 000 v-ի՝ դրամաձևով վերականգնումն էլ, և I կապիտալիստը կարող է միևնույն մասշտաբով աշխատելը շարունակել այն դեպքում միայն, եթե նա յուր տրամադրության տակ պահեստադրամ ունի, ինչպես որ հենց ընդհանրապես էլ դրամի ձևով պահեստակապիտալ է հարկավոր, որպեսզի կարելի լինի աշխատանքն անընդհատ շարունակել, առանց նայելու փոփոխուն կապիտալարժեքի՝ դրամաձևով ավելի արագ կամ թե ավելի դանդաղ հետ հոսելուն։

Ընթացիկ տարեկան վերարտադրության տարբեր տարրերի փոխանակությունը հետազոտելիս պետք է ուսումնասիրել անցյալ տարվա աշխատանքի, արդեն ավարտված տարվա աշխատանքի հետևանքն էլ։ Այն արտադրապրոցեսը, որի հետևանքն է այս տարեկան արդյունքը, մեր թիկունքումն է մնացել, անցած է, լուծվել է յուր արդյունքի մեջ. այս է՛լ ավելի վերաբերում է ուրեմն նաև այն շրջանառության պրոցեսին, որը նախորդում է արտադրապրոցեսին կամ թե սրան զուգահեռ ընթանում, վերաբերում է պոտենցիալից իրական փոփոխուն կապիտալի փոխարկվելուն, այսինքն աշխատույժի առուծախին։ Աշխատաշուկան այլևս չի կազմում այն ապրանքաշուկայի մասը, որ այստեղ մեր առջևն է։ Բանվորն այստեղ արդեն ոչ միայն ծախել է յուր աշխատույժը, այլև բացի հավելարժեքից յուր աշխատույժի գնի մի համարժեք է մատակարարել հանձին ապրանքի. մյուս կողմից՝ նա յուր աշխատավարձը գրպանում դրած ունի և փոխանակության ժամանակ կերպակայում է լոկ իբրև ապրանքի (սպառամջոցների) գնորդ։ Բայց մյուս կողմից էլ՝ տարեկան արդյունքը պետք է պարունակի վերարտադրության բոլոր տարրերը, պիտի վերականգնի արտադրողական կապիտալի բոլոր տարրերը, ամենից առաջ ուրեմն ամենակարևոր մի տարրը, փոփոխուն կապիտալը։ Եվ մենք իրոք տեսել ենք, որ փոփոխուն կապիտալի առնչությամբ որպես փոխանակության հետևանք ներկայանում է հետևյալը. բանվորն իբրև ապրանքագնորդ, յուր աշխատավարձը ծախսելու և գնած ապրանքն սպառելու միջոցով պահպանում և վերարտադրում է յուր աշխատույժն իբրև այն միակ ապրանքը, որ նա ծախելու է. ինչպես որ կապիտալիստի կողմից այս աշխատույժը գնելու համար կանխավճարված փողը կապիտալիստին է վերադառնում, այնպես էլ աշխատույժը որպես դրամի հետ փոխանակելի ապրանք աշխատաշուկա է վերադառնում. իբրև հետևանք — այստեղ հատկապես 1 000 Iv-ի վերաբերմամբ — ստանում ենք այս.— I կապիտալիստների կողմում 1 000 v դրամով — սրա հանդեպ՝ I բանվորների կողմում 1 000-անոց արժեք ունեցող աշխատույժ, այնպես որ ամբողջ I վերարտադրապրոցեսը կարող է նորից սկսվել։ Սա փոխանակության պրոցեսի մեկ հետևանքն է։

Մյուս կողմից՝ I բանվորների աշխատավարձի ծախսումը II-ից վերցրել է 1 000 c գումարի կենսամիջոցներ և այսպիսով սրանք ապրանքաձևից փոխարկել դրամաձևի. II-ը հիշյալներն այս դրամաձևից հետ է փոխարկել յուր հաստատուն կապիտալի բնաձևին՝ ապրանքներ = 1 000 v գնելով I-ից, որի մոտ է սրա հետևանքով էլի հետհոսում նրա փոփոխուն կապիտալարժեքը դրամաձևով։

I փոփոխուն կապիտալը երեք փոխակերպումն է կրում, որոնք տարեկան արդյունքի փոխանակության մեջ ամենևին հանդես չեն գալիս կամ թե երևան են գալիս լոկ ակնարկորեն։

1) Առաջին ձևը՝ 1 000 Iv-ն դրամով, որը միևնույն արժեգումարի աշխատույժի է փոխարկվում։ Այս փոխակերպությունը երևան չի գալիս I-ի ու II-ի միջև կատարվող բուն իսկ ապրանքափոխանակության մեջ, բայց նրա հետևանքը երևան է գալիս նրանում, որ I բանվոր դասակարգը 1 000 փողով հանդիպակայում է II ապրանքավաճառին, ճիշտ ինչպես որ II բանվոր դասակարգը 500 փողով հանդիպակայում է ապրանքաձև ունեցող 500 IIv-ի ապրանքավաճառին։

2) Երկրորդ ձևը, միակը, որում փոփոխուն կապիտալն իսկապես փոփոխվում է, իբրև փոփոխուն է գործում, երբ արժեստեղծ ույժը հանդես է գալիս սրա հետ փոխանակված, տվյալ արժեքի տեղը,— պատկանում է բացառապես շրջանառության պրոցեսին, որը մեր թիկունքումն է մնացել։

3) Երրորդ ձևը, որում փոփոխուն կապիտալն իբրև այսպիսին հավաստվել է հանձին արտադրապրոցեսի հետևանքի, տարեկան արդյունքն է, ուրեմն I-ի մոտ = 1 000 v + 1 000 m = 2 000 I (v + m)։ Յուր սկզբնական արժեքի տեղը, որ = 1 000՝ փողով, հանդես է եկել կրկնակի մեծությամբ մի արժեք = 2 000՝ ապրանքով։ Ուստի փոփոխուն կապիտալարժեքն էլ, որ = 1 000՝ ապրանքով, կազմում է այն արժեքային արդյունքի կեսը միայն, որն ստեղծվել է փոփոխուն կապիտալի, որպես արտադրողական կապիտալի տարրի, միջոցով։ Ապրանքաձև ունեցող 1 000 Iv-ն ճիշտ համարժեքին է ամբողջ կապիտալի՝ յուր նախանշման համաձայն փոփոխուն մասի, որ I-ի կողմից սկզբնապես կանխավճարվել էր իբրև 1 000 v դրամ, բայց հիշյալն ապրանքաձևում պարուրված՝ լոկ պոտենցիալ փող է (նա իրոք փող դառնում է յուր ծախվելուց հետո միայն), ուրեմն է՛լ ավելի քիչ է ուղղակի փոփոխուն դրամակապիտալ հանդիսանում։ Վերջիվերջո նա այսպիսին դառնում է 1 000 Iv ապրանքի՝ IIc-ին ծախվելու և այն բանի հետևանքով, որ աշխատույժն անհապաղ վերահայտնվում և իբրև ծախու ապրանք, որպես նյութեղեն, որին կարող է փոխարկվել 1 000 v դրամը։

Այս բոլոր փոխակերպությունների ժամանակ I կապիտալիստը միշտ յուր ձեռին է պահում փոփոխուն կապիտալն՝ 1) սկզբում իբրև դրամակապիտալ. 2) հետո որպես յուր արտադրողական կապիտալի տարր. 3) է՛լ ավելի հետո որպես յուր ապրանքակապիտալի արժեմաս, ուրեմն իբրև ապրանքարժեք. 4) վերջապես էլի որպես դրամ, իսկ սրան դարձյալ հանդիպակայում է աշխատույժը, որին փոխարկելի է այն դրամը։ Աշխատապրոցեսի ժամանակ կապիտալիստը փոփոխուն կապիտալը յուր ձեռին ունի որպես բանող, արժեք ստեղծող աշխատույժ, բայց ոչ իբրև տվյալ մեծության արժեք. սակայն որովհետև կապիտալիստը բանվորին միշտ վճարում է այն բանից հետո միայն, երբ սրա ույժն արդեն գործել է մի որոշ, ավելի կարճ կամ թե երկար ժամանակ, ուստի նա վճարելուց առաջ արդեն յուր ձեռին ունենում է փոփոխուն կապիտալի դիմաց աշխատույժի ստեղծած փոխարժեքը, պլյուս հավելարժեքն էլ։

Որովհետև փոփոխուն կապիտալը մի որևէ ձևով միշտ կապիտալիստի ձեռին է մնում, ոչ մի կերպ չի կարելի ասել, թե նա որևէ մեկի համար հասույթի է փոխարկվում։ Ապրանքաձև ունեցող 1 000 Iv-ն, ընդհակառակը, դրամի է փոխարկվում այն հանգամանքի շնորհիվ, որ ծախվում է II-ին, որին նա in natura [բնեղեն կերպարանքով] փոխհատուցում է նրա հաստատուն կապիտալի կեսը։

Հասույթի վերածվողն I փոփոխուն կապիտալը չի, դրամաձև ունեցող 1 000 v-ն չի. այս դրամը դադարեց իբրև I-ի փոփոխուն կապիտալի դրամաձև գործելուց, հենց որ աշխատույժի փոխարկվեց, ինչպես որ ամեն մի ուրիշ ապրանքավաճառի փող դադարում էր սրան պատկանող մի որևէ բան ներկայացնելուց, հենց որ նա այս դրամը մի վաճառորդի ապրանքի էր փոխարկում։ Այն փոխակերպությունները, որոնցով անցնում է իբրև աշխատավարձ ստացած դրամը բանվոր դասակարգի ձեռին, ոչ թե փոփոխուն կապիտալի փոխակերպություններ են, այլ նրա աշխատույժի՝ դրամի վերածված արժեքի փոխակերպություններ. ճիշտ այնպես, ինչպես բանվորի ստեղծած արժեքային արդյունքի (2 000 I (v + m)-ի) փոխակերպությունը կապիտալիստին պատկանող մի ապրանքի փոխակերպություն է, որը բանվորին չի վերաբերում ամենևին։ Բայց կապիտալիստը — և է՛լ ավելի՝ նրա թեորետիկ մեկնաբանը, քաղաքատնտեսը — լոկ դժվարությամբ կարող է իրենից վանել այն պատրանքը, թե բանվորին վճարված փողը դեռ էլի նրա, կապիտալիստի, փողն է։ Եթե կապիտալիստը ոսկի արտադրող է, ապա փոփոխուն կապիտալամասը, այսինքն ապրանքաձև ունեցող այն համարժեքը, որով նրան փոխհատուցվում է աշխատանքի առքագինը, հենց ինքը հանդես է դալիս ուղղակի դրամաձևով, ուրեմն և կարող է, առանց հետհոսման շրջուղով անցնելու, նորից գործել իբրև փոփոխուն դրամակապիտալ։ Իսկ ինչ վերաբերում է II-ում եղած բանվորին — որչափով որ մենք մի կողմ ենք թողնում պերճանքաբանորին — ապա 500 v-ն ինքը գոյություն ունի այն ապրանքների ձևով, որոնք նախանշված են բանվորի սպառման համար, որոնք բանվորն իբրև հավաքական բանվոր վերցրած՝ ուղղակի էլի գնում է միևնույն հավաքական կապիտալիստից, որին նա ծախել է յուր աշխատույժը։ II կապիտալի փոփոխուն արժեմասն ըստ յուր բնաձևի կազմված է այնպիսի սպառամիջոցներից, որոնք մեծ մասամբ նախանշված են բանվոր դասակարգի սպառման համար։ Բայց բանվորի կողմից այս ձևով ծախսվողը փոփոխուն կապիտալը չի. աշխատավարձը, բանվորի փողն է, որը հենց այս սպառամիջոցներին փոխարկվելով յուր իրացվելու միջոցով կապիտալիստի համար էլի վերականգնում է 500 IIv փոփոխուն կապիտալը յուր դրամաձևով։ IIv փոփոխուն կապիտալը վերարտադրված է լինում սպառամիջոցների ձևով, ինչպես և 2 000 IIc հաստատուն կապիտալը. ինչպես մեկն, այնպես էլ մյուսը չեն վերածվում հասույթի։ Հասույթի վերածվողը երկու դեպքում էլ աշխատավարձն է։

Բայց որ աշխատավարձի որպես հասույթի ծախսվելու հետևանքով մի դեպքում 1 000 IIc-ն, այլ և այս շրջուղով անցնելով 1 000 Iv-ն ու ditto [նույնպես, նմանապես] 500 IIv-ն, ուրեմն հաստատուն կապիտալն ու փոփոխունը (սրա դեպքում մասամբ ուղղակի, մասամբ էլ անուղղակի հետհոսելով) վերականգնվում է իբրև դրամակապիտալ,— այս հանգամանքը մի կարևոր իրողություն է տարեկան արդյունքի փոխանակության մեջ։

XI. ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

Տարեկան վերարտադրության փոխանակությունները շարադրելիս մի մեծ դժվարությունը հետևյալն է։ Եթե մենք վեր առնենք այն պարզ ձևը, որով ներկայանում է բանը, ապա կունենանք.

(I.) 4 000 c + 1 000 v + 1 000 m +

(II.) 2 000 c + 500 v + 500 m = 9 000,

որը վերջիվերջո վերածվում է ահա սրան.—

4 000 Ic + 2 000 IIc + 1 000 Iv + 500 IIv + 1 000 Im + 500 IIm = 6 000 c + 1 500 v + 1 500 m = 9000։ Մի արժեմասը հաստատուն կապիտալի, հենց որչափով որ սա կազմված է բուն աշխատամիջոցներից (իբրև արտադրամիջոցների առանձին ստորաբաժանում), աշխատամիջոցներից փոխանցված է աշխատարդյունքին (ապրանքին). այս աշխատամիջոցները շարունակում են գործել որպես արտադրողական կապիտալի տարրեր ու այն էլ՝ իրենց հին բնաձևով. արտադրված միևնույն ապրանքների միջոցով իբրև արժետարր վերահայտնվողը, աշխատագործիքից աշխատարդյունքին փոխանցվողն աշխատամիջոցների մաշվածքն է, այն արժեկորուստն է, որ սրանք հետզհետե կրում են մի որոշ պարբերաշրջանում հարատևող իրենց ֆունկցիայի ժամանակ։ Հետևաբար տարեկան արտադրության կապակցությամբ այստեղ հենց այն գլխից ուշադրության առնվում են հիմնական կապիտալի այնպիսի բաղադրամասերը միայն, որոնց կյանքը մի տարուց երկար է տևում։ Եթե նրանք տարվա ընթացքում ամբողջովին են մեռնում-պրծնում, ապա ամբողջովին էլ պետք է փոխարինվեն տարեկան վերարտադրության միջոցով և նորացվեն, ուստի քննարկվող կետը հենց այն գլխից նրանց չի վերաբերում։ Մեքենաների դեպքում ու հիմնական կապիտալի՝ ավելի երկար հարատևող ուրիշ ձևերի դեպքում կարող է պատահել — և հաճախ պատահում է — որ նրանց որոշ մասնական օրգաններ տարվա ընթացքում պետք է ոտից գլուխ փոխարինվեն, չնայած որ շենքի կամ թե մեքենայի ամբողջ մարմինը երկարակյաց է։ Այս մասնական օրգանները մտնում են հիմնական կապիտալի՝ տարվա ընթացքում փոխարինելի տարրերի միևնույն կատեգորիայի մեջ։

Ապրանքների այս արժետարրը ոչ մի կերպ չպետք է շփոթել վերանորոգման ծախքերի հետ։ Եթե ապրանքը ծախվում է, ապա այս արժետարրը դրամացվում է, փողի է վերածվում մյուսների նման. բայց յուր՝ դրամի փոխարկվելուց հետո երևան է գալիս մյուս արժետարրերից ունեցած նրա տարբերությունը։ Ապրանքների արտադրության մեջ բանեցված հումքերն ու օժանդակ նյութերը պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվեն, որպեսզի ապրանքների վերարտադրությունն սկսվի (ապրանքների արտադրապրոցեսն ընդհանրապես վերցրած շարունակական լինի). նրանց վրա ծախսված աշխատույժն էլ նույնպես պետք է թարմ աշխատույժով փոխարինվի։ Ուրեմն ապրանքից ստացված դրամը միշտ պետք է արտադրողական կապիտալի այս տարրերին վերափոխարկվի, դրամաձևից փոխարկվի ապրանքաձևի։ Բանն ամենևին չի փոխվում նրանից, որ, օրինակ, հումքերն ու օժանդակ նյութերը հայտնի ժամկետներում ավելի խոշոր քանակներով են գնվում — այնպես որ արտադրապաշարներ են կազմում — որ ուրեմն հայտնի ժամկետի ընթացքում կարիք չի լինում այս արտադրամիջոցները նորից գնելու, հետևաբար — քանի սրանք դեռ կան — ապրանքավաճառքից ստացվող փողը, որչափով որ սա այս նպատակին է ծառայում, կարող է հավաքվել, և հետևաբար հաստատուն կապիտալի այս մասը ժամանակավորապես երևան է գալիս իբրև յուր ակտիվ ֆունկցիայից կախակայված դրամակապիտալ։ Սա հասութակապիտալ չի. սա արտադրողական այնպիսի կապիտալ է, որը կախակայված է դրամաձևում։ Արտադրամիջոցների նորացումը պետք է միշտ տեղի ունենա, չնայած որ այս նորացման ձևը — շրջանառության առնչությամբ — կարող է տարբեր լինել։ Նոր գնումը, շրջանառության այն գործառնությունը, որով նրանք նորացվում են, փոխարինվում, կարող է ավելի երկար ժամկետներից հետո կատարվել. այս դեպքում լինում են խոշոր դրամաներդրումներ մի անգամից, որոնք համակշռվում են համապատասխան արտադրապաշարով. կամ թե չէ՝ նոր գնումը կատարվում է շուտ-շուտ իրար հաջորդող ժամկետներում. այս դեպքում լինում են դրամածախսման՝ արագորեն միմյանց հաջորդող ավելի փոքր քանակներ, պստիկ արտադրապաշարներ։ Այս բոլորովին չի փոխում բանի էությունը։ Նույնն է աշխատույժի վերաբերմամբ էլ։ Որտեղ արտադրությունը միևնույն մասշտաբով կատարվում է տարին բոլոր շարունակաբար, բանեցված աշխատույժը մշտապես է փոխարինվում նորով. որտեղ աշխատանքը սեզոնային է կամ աշխատանքի տարբեր բաժնեմասեր տարբեր պարբերաշրջաններում են կիրառվում, ինչպես երկրագործության մեջ, այնտեղ սրա համապատասխան էլ աշխատույժի՝ մերթ ավելի փոքր ու երբեմն ավելի մեծ քանակ է գնվում։ Իսկ ընդհակառակն, ապրանքավաճառքից ստացված փողը, որչափով որ սա ոսկիացնում է այն ապրանքարժեմասը, որը հավասար է հիմնական կապիտալի մաշվածքին, չի վերափոխարկվում արտադրողական կապիտալի այն բաղադրամասին, որի արժեկորուստն է նա փոխհատուցում։ Նա իբրև սիկ տակն է նստում արտադրողական կապիտալի կողքին և հարամնում է յուր դրամաձևում։ Այս դրամասիկը կրկնվում է, մինչև որ անցնում, պրծնում է վերարտադրության՝ տարիների մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր թվից կազմված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում յուր հին բնաձևով շարունակում էր արտադրապրոցեսում գործել հաստատուն կապիտալի հիմնական տարրը, հենց որ հիմնական տարրը շենքեր, մեքենաներ և այլն յուր դարն ապրում-պրծնում է, այլևս չի կարող արտադրապրոցեսում գործել, նրա արժեքն արդեն առկա է լինում նրա կողքին՝ լիովին փոխարկված լինելով դրամի դրամասիկների գումարին, այն արժեքների գումարին, որոնք հիմնական կապիտալից աստիճանաբար փոխանցվել էին այն ապրանքներին, որոնց արտադրությանը գործակցում է հիմնական տարրը, և ապրանքների վաճառքի հետևանքով դրամաձև էին ընդունել։ Այն ժամանակ այս դրամը ծառայում է հիմնական կապիտալը (կամ թե սրա տարրերը քանի որ նույնի տարբեր տարրերը տարբեր կենսատևողություն ունեն) in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինելուն ու արտադրողական կապիտալի այս բաղադրամասերն այսպիսով իրոք նորացնելուն, հետևաբար այս փողը հաստատուն կապիտալարժեքի մի մասի, նրա հիմնական մասի դրամաձևն է։ Այսպիսով ուրեմն, հենց ինքը գանձագոյացումը կապիտալիստական վերարտադրապրոցեսի, հիմնական կապիտալի կամ թե նրա առանձին տարրերի արժեքը վերարտադրելու և — դրամաձևով — ամբարելու մի տարր է մինչև այն ժամանակը, երբ հիմնական կապիտալը յուր դարն անցած-պրծած է լինում և հետևաբար յուր ամբողջ արժեքը փոխհանձնած է լինում արտադրված ապրանքներին ու հիմա պետք է փոխարինվի in natura [բնեղեն կերպարանքով]։ Բայց այս դրամը կորցնում է յուր գանձաձևը միայն և այս պատճառով գործունորեն էլի մտնում է կապիտալի՝ շրջանառությամբ միջնորդագործված վերարտադրապրոցեսի մեջ լոկ այն ժամանակ, հենց որ հետ է փոխարկվում հիմնական կապիտալի նոր տարրերի՝ մեռած-գնացածներին փոխարինելու համար։

Ինչպես որ պարզ ապրանքաշրջանառությունը չի նույնանում սոսկական արդյունափոխանակության հետ, այնպես էլ տարեկան ապրանքարդյունքի փոխարկումը չի կարելի հանգեցնել սոսկական, չմիջնորդագործված, փոխադարձ փոխանակության։ Փողը նրանում խաղում է մի մասնահատուկ դեր, որն արտահայտվում է հենց հիմնական կապիտալարժեքի վերարտադրության եղանակի մեջ էլ։ (Հետո պետք է հետազոտել, թե ինչպես սա ուրիշ կերպ կներկայանար, եթե ենթադրեինք, որ արտադրությունը համայնական է և ապրանքարտադրության ձև չունի)։

Հիմա եթե հիմնական սխեմային վերադառնանք, ապա II դասակարգի համար մենք ունեինք՝ 2 000 c + 500 v + 500 m։ Տարվա ընթացքում արտադրված բոլոր սպառամիջոցներն այստեղ հավասար են 3 000-անոց արժեքի. և այն տարբեր ապրանքատարրերից ամեն մեկը, որոնցից կազմված է ապրանքագումարը, ըստ արժեքի տրոհվում է [math]^2/_3c + ^1/_6v + ^1/_6m[/math]-ի կամ տոկոսապես [math]66^2/_3c \ + \ 16^2/_3v \ + \ 16^2/_3m[/math]-ի։ II դասակարգի տարբեր ապրանքատեսակները կարող են տարբեր համամասնությամբ պարունակել հաստատուն կապիտալ. հաստատուն կապիտալի հիմնական մասը նույնպես կարող է տարբեր լինել նրանց մոտ, նմանապես էլ՝ հիմնական կապիտալամասերի կենսատևողությունը, ուրեմն և տարեկան մաշվածքը կամ այն արժեմասը, որ նրանք pro rata [չափի համեմատ, ըստ չափու] փոխանցում են այն ապրանքներին, որոնց արտադրությանը մասնակցում են նրանք։ Այս հանգամանքը նշանակություն չունի այստեղ։ Հասարակական վերարտադրապրոցեսի առնչությամբ այստեղ բանը վերաբերում է II ու I դասակարգերի միջև տեղի ունեցող փոխանակությանը միայն։ Այստեղ II-ն ու I-ը միմյանց հանդիպադրվում են իրենց լոկ հասարակական քանակահարաբերություններով, ուստի II ապրանքարդյունքի c արժեմասի համամասնական մեծությանն է (հիմա քննարկվող հարցում մենակ սա է վճռականը) հենց միջին հարաբերությունը, եթե մենք այն բոլոր արտադրաճյուղերը, որոնք մտնում են II-ի մեջ, միասին ենք վերցնում։

Այսպիսով ուրեմն, յուրաքանչյուրն այն ապրանքատեսակներից (իսկ սրանք մեծ մասամբ միևնույն ապրանքատեսակներ են), որոնց ընդհանուր արժեքը ենթադասված, մտցված է 2 000 c + 500 V v + 500 m-ի տակ, ըստ արժեքի նույնաչափորեն = են [math]66^2/_3%c \ + \ 16^2/_3%v \ + \ 16^2/_3%m[/math]-ի։ Այս վերաբերում է ինչպես c-ի, այնպես էլ v-ի, նույնպես և m-ի տակ գործող ապրանքների ամեն մի 100-ին։

Այն ապրանքները, որոնցում մարմնացած է 2 000 c-ն, ըստ արժեքի դարձյալ տրոհվել կարող են՝

1) [math]1333^1/_3c \ + \ 333^1/_3v \ + \ 333^1/_3m[/math]-ի = 2 000 c,

նույնպես էլ 500 v-ն կարող է տրոհվել

2) [math]333^1/_3c \ + \ 83^1/_3v \ + \ 83^1/_3m[/math]-ի = 500 v,

վերջապես 500 m-ը կարող է տրոհվել

3) [math]333^1/_3c \ + \ 83^1/_3v \ + \ 83^1/_3m[/math]-ի = 500 m։

Հիմա եթե մենք 1-ի, 2-ի ու 3-ի c-երը գումարենք իրար հետ, ապա կունենանք [math]1333^1/_3c \ + \ 333^1/_3c \ + \ 333^1/_3c[/math] = 2 000 c։ Նույնպես էլ [math]333^1/_3v \ + \ 83^1/_3v \ + \ 83^1/_3v[/math] = 500 v, և սրա նման էլ m-ի տակ եղածները. ամբողջի գումարումը վերևինի նման տալիս է 3 000-անոց ընդհանուր արժեք։

Այսպիսով ուրեմն, 3 000-անոց արժեք ունեցող ապրանքամասսայում պարունակված ամբողջ հաստատուն կապիտալարժեքը պարունակվում է 2 000 c-ի մեջ, և ոչ 500 v-ն ու ոչ էլ 500 m-ը մի ատոմ անգամ չեն պարունակում նրանից։ Միևնույնը վերաբերում է իրենց հերթին v-ին ու m-ին էլ։

Ուրիշ խոսքով ասած՝ II ապրանքամասսայի այն ամբողջ բաժնեմասը, որը հաստատուն կապիտալարժեք է ներկայացնում և ուրեմն էլի փոխարկվելու է կամ սրա բնաձևին կամ թե սրա դրամաձևին, գոյություն ունի 2 000 c-ի մեջ։ Հետևաբար այն ամենը, որ վերաբերում է II ապրանքների է հաստատուն արժեքի փոխանակությանը, սահմանափակվում է 2 000 IIc-ի շարժումով, և այս փոխանակումը կարող է կատարվել I (1 000 v + 1 000 m)-ի հետ միայն։

Նույնպես էլ I դասակարգի համար այն ամենը, որ վերաբերում է նրան պատկանող հաստատուն կապիտալարժեքի փոխանակությանը, պետք է սահմանափակել 4 000 Ic-ի քննարկումով։

1) Մաշվածք-արժեմասի փոխհատուցումը դրամաձևով

Արդ, եթե մենք ամենից առաջ վերցնենք

I. 4 000 c + 1 000 v + 1 000 m
II. 2 000 c + 500 v + 500 m,

ապա 2 000 IIc ապրանքների փոխանակումը միևնույն արժեքն ունեցող I (1 000 v + l 000 m) ապրանքների հետ՝ կենթադրեր, որ 2 000 IIc-ն ամբողջովին է in natura [բնեղեն կերպարանքով] վերափոխարկվում II հաստատուն կապիտալի բնաբաղադրամասերին, որ I-ն է արտադրել. բայց 2 000-անոց ապրանքարժեքը, որում գոյություն ունի II հաստատուն կապիտալը, պարունակում է հիմնական կապիտալի արժեկորուստի դիմաց մի տարր, որը չպետք է իսկույն փոխարինվի in natura [բնեղեն կերպարանքով], այլ պետք է փոխարկվի դրամի, որը հետզհետե կուտակվում է իբրև ամբողջական գումար, մինչև որ հասած է լինում հիմնական կապիտալը յուր բնաձևով նորացնելու ժամկետը։ Ամեն մի տարի մահվան տարի է հիմնական կապիտալի համար, որը պետք է փոխարինել այս կամ այն առանձին ձեռնարկության մեջ կամ թե նույնիսկ այս կամ այն արդյունաբերաճյուղում. հենց միևնույն անհատական կապիտալի մեջ էլ պետք է փոխարինել հիմնական կապիտալի այս կամ այն մասը (որովհետև սրա տարբեր մասերը տարբեր կենսատևողություն ունեն)։ Եթե մենք քննում ենք տարեկան վերարտադրությունը — թեկուզ հենց պարզ մասշտաբով, այսինքն վերացարկվելով ամեն կուտակումից — ապա չենք սկսում ab ovo [բոլորով սկզբից, բառացի նշանակում է՝ ձվից]. նա մի տարի է բազմաթիվ տարիների հոսանքում. նա կապիտալիստական արտադրության ծնվելու առաջին տարին չի, հետևաբար տարբեր կապիտալները, որոնք ներդրված են II դասակարգի բազմազան արտադրաճյուղերում, տարբեր տարիք են ունենում, և ինչպես որ այս արտադրաճյուղերում գործող անձերն են ամեն տարի մեռնում, այնպես էլ ամեն տարի հինական կապիտալների մասսաներ նույն այս տարում հասնում են իրենց կյանքի վախճանին և պետք է կուտակված դրամաֆոնդից նորացվեն in natura [բնեղեն կերպարանքով]։ Այս իմաստով ահա 2 000 IIc-ի փոխանակումը 2 000 I(v + m)-ի հետ՝ յուր մեջ պարփակում է 2 000 IIc-ի՝ յուր (իբրև սպառամիջոցների) ապրանքաձևից այնպիսի բնատարրերի փոխարկվելը, որոնք կազմված են ոչ միայն հումքերից ու օժանդակ նյութեղեններից, այլ և հիմնական կապիտալի բնատարրերից, մեքենաներից, գործիքներից, շենքերից և այլն։ Ուստի այն մաշվածքը, որ 2 000 IIc-ի արժեքում պետք է փոխհատուցել դրամով, ամենևին համապատասխան չի գործող հիմնական կապիտալի ծավալին, որովհետև սրա մի մասն ամեն տարի պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվի, բայց ենթադրվում է, որ այս փոխարկման համար անհրաժեշտ դրամը նախկին տարիներում կուտակված է լինում II դասակարգի կապիտալիստների ձեռին։ Սակայն հենց այս ենթադրությունը վերաբերում է ընթացիկ տարուն էլ այնպես, ինչպես ընդունվում և նախկին տարիների համար։

I (1 000 v + 1 000 m)-ի ու 2 000 IIc-ի միջև կատարվող փոխանակության մեջ ամենից առաջ պետք է նշել, որ I(v + m) արժեգումարը ոչ մի հաստատուն արժետարր չի պարունակում, ուրեմն և ոչ մի արժետարր չի պարունակում փոխարինելի մաշվածքի դիմաց, այն արժեքի դիմաց, որը հաստատուն կապիտալի հիմնական բաղադրամասից փոխանցվել է այն ապրանքներին, որոնց բնաձևով գոյություն ունեն v + m-ը։ Ընդհակառակը, IIc-ի մեջ գոյության ունի այս տարրը, և յուր գոյությամբ հիմնական կապիտալին պարտական արժետարրի այն մի մասն է հենց, որը չպետք է դրամաձևից բնաձևին փոխարկվի անմիջապես, այլ առաջ դեռ պետք է դրամաձևում հարամնա։ Ուստի I (1 000 v + 1 000 m)-ը 2 000 IIc-ի հետ փոխանակելու ժամանակ իսկույն մեր հանդեպ ցցվում է այն դժվարությունը, որ I արտադրամիջոցները, որոնց բնաձևում գոյություն ունեն I (v + m)-ը, իրենց 2 000-անոց ամբողջ արժեգումարով պետք է փոխարկվեն II սպառամիջոցների ձևով գոյություն ունեցող համարժեքին, այնինչ մյուս կողմից՝ 2 000 IIc սպառամիջոցները չեն կարող իրենց լրիվ արժեգումարով փոխարկվել I (1 000 v + 1 000 m) արտադրամիջոցներին, որովհետև նրանց արժեքի մի պատկական մասը — որ հավասար է հիմնական կապիտալի՝ փոխարինման ենթակա մաշվածքին կամ արժեկորուստին — պետք է դեռ նախ սկվելով նստի որպես դրամ, իսկ սա ընթացիկ տարեկան վերարտադրապարբերաշրջանում, հենց որը միայն քննարկվում է այստեղ, իբրև շրջանառության միջոց չի գործում դարձյալ։ Բայց այն փողը, որով 2 000 IIc ապրանքարժեքում եղած մաշվածքատարրն է դրամացվում, այս փողը միմիայն I-ից կարող է ստացվել, որովհետև II-ը հո ինքը չպետք է իրեն վճարահատուցի, այլ վճարահատուցվում է հենց յուր ապրանքը ծախելու միջոցով, նաև որովհետև ենթադրության համաձայն I (v + m)-ն է գնում ամբողջ 2 000 II c ապրանքագումարը. հետևաբար I դասակարգը պետք է հիշյալ մաշվածքն այս գնման միջոցով դրամացնի II-ի համար։ Սակայն առաջներում շարադրած օրենքի համաձայն՝ շրջանառության համար կանխավճարած դրամը վերադառնում է կապիտալիստական արտադրողին, որը հետո ապրանքի ձևով նույնահավասար քանակ է նետում շրջանառության մեջ։ Ակներև է, որ I-ը IIc-ից գնում անելիս չի կարող II-ին ապրանքներ տալ 2 000-ի դիմաց ու սրանից զատ դեռ մի ավելցուկ դրամագումար էլ տալ մի անգամ ընդմիշտ (առանց այն նախապայմանի, որ այս դրամագումարը նրան վերադառնա փոխանակման գործողության հետևանքով)։ Այլապես նա IIc ապրանքագումարը սրա արժեքից բարձր գնած կլիներ։ Եթե II-ը յուր 2 000 c-ի դիմաց փոխանակությամբ իրոք ստանում է I (1 000 v + 1 000 m), ապա նա I-ից այլևս ոչինչ չունի պահանջելու, և այս փոխանակության ժամանակ շրջանառու դրամը վերադառնում է I-ին կամ թե II-ին՝ կախումն ունենալով այն հանգամանքից, թե այս երկսից ո՛վ է դրամը նետել շրջանառության մեջ, այսինքն՝ այս երկսից նախ ո՛վ է իբրև գնորդ հանդես եկել։ Ընդսմին այս դեպքում II-ը յուր ապրանքակապիտալն ամբողջ արժեծավալով վերցրած՝ հետփոխարկած կլիներ արտադրամիջոցների բնաձևին, մինչդեռ ենթադրությունն այն է, որ նա յուր ապրանքակապիտալի մի պատկական մասը, սրա վաճառքից հետո, ընթացիկ տարեկան վերարտադրապարբերաշրջանում դրամից դարձյալ հետ չի փոխարկում յուր հաստատուն կապիտալի հիմնական բաղադրամասերի բնաձևին։ Այսպիսով ուրեմն, ոսկու ձևով մի հաշվեմնացորդ կարող էր դեպի II-ը հոսել այն ժամանակ միայն, եթե II-ը, այո, 2 000-ի ապրանք ծախեր I-ին, բայց 2 000-ից պակաս գներ I-ից, օրինակ, միմիայն 1 800. այս դեպքում I-ը մնացորդը կծածկեր դրամաձև ունեցող 200-ով, որը հետ չէր հոսի նրա մոտ, որովհետև սա շրջանառության համար կանխավճարած դրամը շրջանառությունից դարձյալ դուրս կորզած չէր լինի՝ ապրանքներ (= 200) նետելով շրջանառության մեջ։ Այս դեպքում մենք II-ի համար մի դրամաֆոնդ կունենայինք հիմնական կապիտալի նրա մաշվածքի հաշվին. բայց մյուս կողմում, I-ի կողմում, մենք կունենայինք արտադրամիջոցների մի գերարտադրություն 200-անոց գումարի չափով, և սրանով փուլ կգար սխեմայի ամբողջ պատվանդանը, այն է՝ անփոփոխ մասշտաբով վերարտադրությունը, որի ժամանակ ուրեմն ենթադրվում է լիակատար համամասնականություն տարբեր արտադրասիստեմների միջև։ Մի դժվարությունը վերացված կլիներ՝ շատ ավելի անհաճո մի դժվարություն մեջտեղ բերելով միայն։

Որովհետև այս առեղծվածը հատուկ դժվարություններ է ներկայացնում և քաղաքատնտեսների կողմից մինչև հիմա ընդհանրապես չի քննախոսվել, ուստի մենք շարքով քննարկենք բուն իսկ առեղծվածի բոլոր հնարավոր (գոնե երևութապես հնարավոր) լուծումները կամ թե, ավելի շուտ, դրումները։

Ամենից առաջ հենց նոր ենթադրեցինք, որ II-ն I-ին ծախում է 2 000, բայց I-ից գնում է միմիայն 1 800-ի ապրանքներ։ 2 000 IIc ապքանքարժեքի մեջ պարունակվում էր մաշվածքափոխհատուցման համար 200, որը պետք է գանձացնել դրամաձևով. այսպիսով 2 000 IIc արժեքը կտրոհվեր 1 800-ի, որը պետք է փոխանակել I արտադրամիջոցների հետ, ու 200 մաշվածքափոխհատուցման, որը պետք է (2 000 c-ն I-ին ծախելուց հետո) պահել դրամի ձևով։ Կամ յուր արժեքի առնչությամբ 2 000 IIc = կլիներ 1 800 c + 200 c (d), որտեղ d = déchet [մաշվածք]։

Այս դեպքում մենք պիտի քննարկեինք

I. 1 000 v + 1 000 m
II. 1 800 c + 200 c (d) փոխանակությանը։

I-ը 1 000 £-ով, որն իբրև բանվորների աշխատույժի վճար առհոսել է բանվորների ձեռն աշխատավարձի ձևով, գնում է 1 000 IIc սպառամիջոցներ. II-ը միևնույն 1 000 £-ով գնում է 1 000 Iv արտադրամիջոցներ։ Սրա հետևանքով I կապիտալիստների մոտ է հետ հոսում նրանց փոփոխուն կապիտալը դրամաձևով, որոնք կարող են հաջորդ տարում նրանով միևնույն արժեգումարի աշխատույժ գնել, այսինքն իրենց արտադրողական կապիտալի փոփոխուն մասն in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինել։— Հետո, II-ը կանխավճարած 400 £-ով գնում է Im արտադրամիջոցներ, իսկ Im-ը միևնույն 400 £-ով՝ IIc սպառամիջոցներ։ Այսպիսով II-ի կողմից շրջանառության համար կանխավճարված 400 £-ը վերադարձած է լինում II կապիտալիստներին, բայց որպես ծախած ապրանքի դիմաց ստացվող համարժեք միայն. I-ը կանխավճարած 400 £-ով գնում է սպառամիջոցներ. II-ը 400 £-ով արտադրամիջոցներ է գնում I-ից, որով այս 400 £-ը հետ է հոսում I-ի մոտ։

Արդ, մինչև այստեղ հաշիվը հետևյալ կերպարանքն ունի.

I-ը շրջանառության մեջ նետում է 1 000 v + 800 m ապրանքի ձևով, այնուհետև նա շրջանառության մեջ է նետում դրամով՝ 1 000 £ աշխատավարձի համար ու 400 £ էլ՝ II-ի հետ փոխանակության անելու համար։ Ավարտված փոխանակությունից հետը I-ն ունի՝ 1 000 v դրամով, 800 m, որը փոխարկված է 800 II c-ի (սպառամիջոցներ), ու դրամով 400 £։

II-ը շրջանառության մեջ նետում է 1 800 c ապրանքի ձևով (սպառամիջոցներ) ու 400 £ դրամով. վերջացրած փոխանակությունից հետո նա ունի՝ I-ի ապրանքի ձևով 1 800 (արտադրամիջոցներ), ու դրամով 400 £։

Հիմա մենք դեռ ունենք I-ի կողմում 200 m (արտադրամիջոցների ձևով) ու II-ի կողմում 200 c (d) (սպառամիջոցների ձևով)։

Ենթադրության համաձայն I-ը 200 £-ով գնում է 200-անոց արժեգումար ունեցող c (d) սպառամիջոցները բայց II-ն այս 200 £-ը պահում է, որովհետև 200 c (d)-ն մաշվածքն է ներկայացնում, ուրեմն չպետք է ուղղակի արտադրամիջոցների վերափոխարկվի։ Հետևաբար 200 Im-ը չծախված է մնում. Փոխարինելի I հավելարժեքի [math]^1/_{10}[/math]-ը չի կարող իրացվել, արտադրամիջոցների յուր բնաձևից չի կարող սպառամիջոցների փոխարկվել։

Սա պարզ մասշտաբով վերարտադրության ենթադրելուն չի միայն, որ հակասում է. սա ինքնըստինքյան ոչ մի վարկած էլ չի՝ 200 c (d)-ի դրամացումը բացատրելու համար. այս ավելի շուտ նշանակում է, որ հիշյալ դրամացումն անբացատրելի է։ Որովհետև ցույց չեն տալիս, թե 200 c (d )-ն ինչպես պիտի դրամացվի, ուստի ենթադրում են, որ I-ը բարեհաճում է 200 c (d)-ն դրամացնել հենց այն պատճառով, որ I-ն ի վիճակի չի 200 m-ից կազմված յուր սեփական մնացորդը դրամացնելու։ Սա փոխանակման մեխանիզմի մեկ նորմալ գործառնություն նկատելը բոլորովին նույնն է, թե ենթադրեինք, որ տարեկան 200 £ երկնքից է տեղում ցած՝ 200 c (d)-ն կանոնավորապես դրամացնելու համար։

Սակայն այսպիսի վարկածի անհեթեթությունն աչքի չի զարկում անմիջաբար, երբ Im-ը փոխանակ, ինչպես այստեղ, հանդես գալու յուր նախնական գոյակերպով — այն է՝ իբրև արտադրամիջոցների արժեքի բաղադրամաս, ուրեմն որպես այն ապրանքների արժեքի բաղադրամաս, որ նրանց կապիտալիստական արտադրողները պետք է ծախելով իրացնեն դրամի ձևով — երևան է գալիս կապիտալիստների բաժնեկիցների ձեռքում, օրինակ, իբրև հողառենտան հողագույքատերերի ձեռին կամ թե որպես տոկոս դրամավարկատուների ձեռին ուղղակի արտադրամիջոցների վերափոխարկվի։ Բայց եթե ապրանքների հավելարժեքի այն մասը, որ արդյունաբերական կապիտալիստը պետք է իբրև հողառենտա կամ թե տոկոս զիջի հավելարժեքի մյուս գույքատիրակիցներին, երկար ժամանակ չի կարող իրացվել բուն իսկ ապրանքների վաճառքի միջոցով, ապա նշանակում է, որ ռենտա կամ թե տոկոս վճարելու էլ վերջն է այս, և ուրեմն, հողագույքատերերը կամ թե տոկոսառուները չեն կարող ռենտան կամ թե տոկոսը ծախսելով իբրև dei ex machina [հրաշքով լուծող, հրաշքով վճռող։ Բառացի նշանակում է՝ աստված մեքենայի միջից։] ծառայել տարեկան վերարտադրության որոշ մասն ուզած կերպով դրամացնելու համար։ Այս նմանապես վերաբերում է այն ծախսերին, որ անում են բոլոր այսպես կոչված անարտադրողական գործավորները — պետական պաշտոնյաները, բժիշկները, փաստաբանները և այլն ու մնացած ամենքը, ովքեր «մեծ հասարակության» ձևում պարուրված՝ քաղաքատնտեսների չբացատրածը բացատրելու «ծառայությունն» են մատուցում քաղաքատնտեսներին։

Նույնպես քիչ է օգնում գործին, երբ I-ի ու II-ի միջև — բուն իսկ կապիտալիստական արտադրողների երկու խոշոր ստորաբաժանումների միջև — կատարվող ուղղակի փոխանակության տեղ վաճառականին են մեջ քաշում իբրև միջնորդի և նրա «դրամի» օգնությամբ են ուզում դուրս պրծնել բոլոր դժվարություններից։ Տվյալ դեպքում, օրինակ, 200 Im-ը վերջիվերջո ու վերջնականորեն պետք է վաճառահանվի II-ի արդյունաբերական կապիտալիստներին։ Այս կարող է անցնել մի շարք վաճառականների ձեռքով. վերջիններս — վարկածի համաձայն — այս դեպքում կգտնվեն II-ի հանդեպ միևնույն կացության մեջ, որում գտնվում էին I-ի կապիտալիստական արտադրողներն սկզբում, այսինքն՝ նրանք չեն կարող 200 Im-ը ծախել II-ին, և չարաբաստիկ առքագումարը չի կարող I-ի հետ կատարելիք պրոցեսը նորից սկսել։

Այստեղից տեսնում ենք, թե ինչպես — մի կողմ թողնելով մեր բուն նպատակը — միանգամայն անհրաժեշտ է վերարտադրապրոցեսը քննարկել յուր հիմնհաձևում — որից հեռացված են մեջխցկվող ու մթագնող բոլոր հանգամանքները — զերծ լինելու համար այն ամեն խուսափանքներից, որոնք «գիտական» բացատրության երևութքն են տալիս, եթե հասարակական վերարտադրապրոցեսն անմիջապես հենց յուր խճճված կոնկրետ ձևով ենք դարձնում վերլուծության առարկա։

Այսպիսով ուրեմն այն օրենքը, թե վերարտադրության (լինի սա պարզ, թե ընդլայնված վերարտադրություն, միևնույն է), նորմալ ընթացքի ժամանակ կապիտալիստական արտադրողի կողմից շրջանառության համար կանխավճարված փողը պետք է յուր ելակետին վերադառնա (ընդսմին նշանակություն չունի, թե փողը նրան է պատկանում, թե ուրիշից է պոկած),— մի անգամ ընդմիշտ բացառում է այն վարկածը, թե 200 IIc (d)-ն I-ի կանխավճարած փողի միջոցով է դրամացվում։

2) Հիմնական կապիտալի փոխարինումն in natura [բնեղեն կերպարանքով]

Հենց նոր քննարկած վարկածն արանքից հանելուց հետո դեռ մնում են այնպիսի հնարավորություններ, որոնք մաշվածքամասը դրամով փոխհատուցելուց զատ իրենց մեջ դեռ պարփակում են մեռած-պրծած ամբողջ հիմնական կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինելու իրականացումն էլ։

Մենք քիչ առաջ ենթադրեցինք

ա) որ այն 1 000 £-ը, որ I-ը վճարում է իբրև աշխատավարձ, բանվորները ծախսում են միևնույն արժեգումարով IIc-ի վրա, այսինքն որ նրանք սպառամիջոցներ են գնում հիշյալով։

Որ այստեղ I-ն է 1 000 £-ը կանխավճարում դրամով, սա իրողության հավաստումն է միայն։ Աշխատավարձը փողով վճարում են համապատասխան կապիտալիստական արտադրողները. հետո փողը բանվորների կողմից ծախսվում է կենսամիջոցների վրա և կենսամիջոցները ծախողների համար յուր հերթին դարձյալ իբրև շրջանառության միջոց է ծառայում՝ նրանց հաստատուն կապիտալն ապրանքակապիտալից արտադրողական կապիտալի փոխարկելու ժամանակ։ Ընդսմին դրամն անցնում է բազմաթիվ առուներով (մանրավաճառներ, տնատերեր, հարկահավաքներ, անարտադրողական գործավորներ, ինչպիսիք են բժիշկները և այլն, որոնց կարիքը հենց ինքը բանվորն էլ է զգում) և ուրեմն լոկ մասամբ է I բանվորների ձեռից ուղղակի հոսում II կապիտալիստների դասակարգի ձեռը։ Հոսանքը կարող է շատ կամ թե քիչ կանգ առնել, ուստի կարող է նոր դրամապաշար անհրաժեշտ լինել կապիտալիստների կողմում։ Այս բոլորը քննության առնվում այս հիմնաձևի ժամանակ։

բ) Ենթադրվեց, որ մի անգամ I-ն է II-ից գնում անելու համար դրամով կանխավճարում հետագա 400 £-ը, որը հետ է հոսում էլի I-ի մոտ, ինչպես և մյուս անգամ II-ն է I-ից գնում անելու համար կանխավճարում 400 £, որը հետ է հոսում II-ի մոտ։ Այս ենթադրությունը պետք է արվեր անպայման, որովհետև կամայական կլիներ հակառակ ենթադրությունը, թե I կապիտալիստների դասակարգը կամ թե չէ՝ II կապիտալիստների դասակարգն է շրջանառությանը միակողմանիորեն կանխավճարում ապրանքափոխանակության համար անհրաժեշտ դրամը։ Արդ, որովհետև նախընթաց 1) ենթահատվածում ցույց տվինք, որ իբրև անհեթեթ պետք է դեն շպրտվի այն վարկածը, որի համաձայն իբր I-ն է լրացուցիչ փող նետում շրջանառության մեջ՝ 200 II c (d)-ն դրամացնելու համար, ուստի ակներև է, որ մնում է երևութապես էլ ավելի անհեթեթ այն վարկածը լոկ, թե II–ն ինքն է շրջանառության մեջ նետում այն փողը, որով դրամացվում է ապրանքի այն արժեբաղադրամասը, որը պետք է հիմնական կապիտալի մաշվածքին փոխարինի։ Օրինակ, այն արժեմասը, որ պարոն X-ը մանամեքենան է կորցնում արտադրության մեջ, վերահայտնվում է իբրև կարի թելի արժեմաս. այն, ինչ որ նրա մանամեքենան մի կողմում տուժում է արժեքի կողմից կամ իբրև մաշվածք, պետք է մյուս կողմում որպես փող նրա մոտ հավաքվի։ Հիմա X-ը կարող էր, օրինակ, 200 £-ի բամբակ գնել և այսպիսով շրջանառության համար 200 £ կանխավճարեր դրամով։ Y-ը միևնույն 200 £-ով մանվածք է գնում նրանից, և այս 200 £-ը հիմա X-ին ծառայում է իբրև ֆոնդ՝ մանամեքենայի մաշվածքի փոխհատուցման համար։ Այս կհանգեր լոկ այն բանին, որպես թե X-ը, մի կողմ թողած նրա արտադրությունը և սրա արդյունքն ու վերջինիս վաճառքը, 200 £ in petto [պատրաստ] պահում է նրա համար, որ հենց ինքը վճարի մանամեքենայի արժեկորուստի դիմաց, այսինքն որ նա, բացի յուր մանամեքենայի 200 £-անոց արժեկորուստից, տարեկան ուրիշ 200 £ էլ դեռ յուր գրպանից պիտի ավելագրի, որ վերջիվերջո ի վիճակի լինի մի նոր մանամեքենա գնելու։

Բայց անհեթեթությունը լոկ երևութական է։ II դասակարգը կազմված է այնպիսի կապիտալիստներից, որոնց հիմնական կապիտալը յուր վերարտադրության բոլորովին տարբեր ժամկետներում է գտնվում։ Մի քանիսի համար նա հասել է այն ժամկետին, երբ պետք է հիմնական կապիտալն ամբողջովին փոխարինել in natura [բնեղեն կերպարանքով]։ Ուրիշների համար նա ավելի շատ կամ թե ավելի պակաս չափով հեռու է գտնվում այս ստադիայից. վերջին ստորաբաժանման բոլոր անդամների համար ընդհանուր է այն, որ նրանց հիմնական կապիտալն իսկապես չի վերարտադրվում, այսինքն չի նորացվում in natura [բնեղեն կերպարանքով] կամ չի փոխարինվում միևնույն տեսակի նոր նմուշահատով, այլ որ նրա արժեքն է հաջորդաբար հավաքվում դրամի ձևով։ Առաջին մասն ամբողջովին (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] մասամբ, մի բուն, որ նշանակություն չունի այստեղ) հենց նույն կացության մեջ է գտնվում, ինչպես որ էր յուր ձեռնարկությունը հիմնելիս, երբ նա շուկայում հանդես եկավ մի դրամակապիտալով՝ սա փոխարկելու մի կողմից (հինական ու շրջանառու) հաստատուն կապիտալի, իսկ մյուս կողմից էլ՝ աշխատույժի, փոփոխուն կապիտալի։ Այն ժամանակվա պես նա հիմա էլ պետք է շրջանառության համար կանխավճարի այս դրամակապիտալը, ուրեմն թե հիմնական հաստատուն ու թե շրջանառու հաստատուն կապիտալի և փոփոխուն կապիտալի արժեքը։

Հետևաբար երբ ենթադրվում է, թե այն 400 £-ից, որ II կապիտալիստների դասակարգը նետում է շրջանառության մեջ՝ I-ի հետ փոխանակություն անելու համար, կեսը գալիս է II-ում գտնվող այնպիսի կապիտալիստներից, որոնք ոչ միայն իրենց ապրանքները տալով պետք է իրենց շրջանառու կապիտալին պատկանող արտադրամիջոցները նորացնեն in natura [բնեղեն կերպարանքով] այլև պետք է իրենց դրամը տալով in natura [բնեղեն կերպարանքով] նորացնեն իրենց հիմնական կապիտալը, այնինչ II կապիտալիստների մյուս կեսը յուր դրամով յուր հաստատուն կապիտալի լոկ շրջանառու մասն է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինում, իսկ յուր հիմնական կապիտալը չի նորացնում in natura [բնեղեն կերպարանքով],— ապա ոչինչ հակասական բան չկա ամենևին այն դրույթի մեջ, թե հետ հոսող 400 £-ը (որը հետ է հոսում, հենց որ I-ը նրանով սպառամիջոցներ է գնում) հիմա տարբեր կերպով է բաշխվում II-ի այս երկու ենթաբաժանմունքների միջև։ Նա հետ է հոսում II դասակարգի մոտ, բայց հետ հոսում է ոչ միևնույն ձեռների մեջ, այլ այս դասակարգի ներսում տարբեր կերպով է բաշխվում, սրա մի մասից փոխանցվում է ուրիշ մասին։

II-ի մի մասը, բացի արտադրամիջոցների այն մասից, որ վերջիվերջո յուր ապրանքներով էր փոխգոցվում, 200 £ դրամը փոխարկում է նոր հիմնական կապիտալատարրերի in natura [բնեղեն կերպարանքով]։ Այսպես ծախսված նրա փողը — ինչպես ձեռնարկությունն սկսելիս — շրջանառությունից լոկ հաջորդաբար է մի շարք տարիներում հետ հոսում II-ի հիշյալ մասի մոտ իբրև այս հիմնական կապիտալով արտադրելի ապրանքների մաշվածք-արժեբաղադրամաս։

II-ի մյուս մասն, ընդհակառակը, 200 £-ով ոչ մի ապրանք չի կորզել I-ից, այլ սա նրան վճարում է այն փողով, որով II-ի առաջին մասը հիմնական կապիտալատարրեր էր գնել։ II-ի մի մասը հիմա էլի ձեռին ունի յուր հիմնական կապիտալարժեքը՝ նորացրած բնաձևով, մյուսը դեռ զբաղված է հիշյալը դրամաձևով հավաքելով, որ հետագայում փոխարինի յուր հիմնական կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով]։

Այն կացությունը, որից պետք է մենք չվենք, առաջվա փոխանակումներից հետո երկուստեք փոխանակելի ապրանքների մնացորդն է՝ I-ի մոտ — 400 m, II-ի մոտ — 400 c։[21] Մենք ընդունում ենք, որ II-ը դրամով 400 է կանխավճարում՝ 800-անոց գումարի այս ապրանքների փոխանակման համար։ 400-ի մի կեսը (= 200) պետք է ամեն պարագայում տա II-ի այն մասը, որը փողով 200 է կիտել իբրև մաշվածքարժեք և որը հիմա այս 200-ը պիտի հետփոխարկի յուր հիմնական կապիտալի բնաձևին։

Ճիշտ ինչպես որ հաստատուն կապիտալարժեքը, փոփոխուն կապիտալարժեքն ու հավելարժեքը — որոնց կարող է տրոհվել թե՛ II-ի ու թե՛ I-ի ապրանքակապիտալի արժեքը — կարելի է ներկայացնել բուն իսկ II, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] I ապրանքների համամասնական առանձին բաժնեմասերով, այնպես էլ կարելի է ներկայացնել հաստատուն կապիտալարժեքի միջի հենց այն արժեմասը, որը դեռ չի փոխարկվելու հիմնական կապիտալի բնաձևին, այլ առայժմ դեռ պետք է դրամաձևով գանձացվի աստիճանաբար։ II ապրանքների՝ մի որոշ քանակ (մեր դեպքում ուրեմն մնացորդի կեսը, որ = 200) այստեղ դեռ լոկ կրիչ է այս մաշվածքարժեքի, որը փոխանակության միջոցով տակին իբրև սիկ նստելու է դրամաձևով։ (II կապիտալիստների առաջին մասը, որը հիմնական կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] է նորացնում, ապրանքամասսայի այն մաշվածքամասով, որից այստեղ դեռ կերպակայում է մնացորդը միայն, կարող է այս եղանակով արդեն իրացրած լինել յուր մաշվածքարժեքի մի մասը. բայց նրան այսպիսով դեռ իրացնելու մնում է 200՝ դրամաձևով)։

Արդ, ինչ վերաբերում է այս մնացորդագործառնության ժամանակ II-ի կողմից շրջանառության մեջ նետած 400 £-ի երկրորդ կեսին (= 200), ապա սա հաստատուն կապիտալի շրջանառու բաղադրամասեր է գնում I-ից։ Այս 200 £-ի մի մասը կարող է շրջանառության մեջ նետվել II-ի երկու մասի կողմից էլ կամ թե լոկ այն մասի կողմից, որը հիմնական արժեբաղադրամասը չի նորացնում in natura [բնեղեն կերպարանքով]։

Հետևաբար I-ից 400 £-ով կորզվում են 1) 200 £ գումարի ապրանքներ, որոնք կազմված են հիմնական կապիտալի տարրերից միայն, 2) 200 £ գումարի ապրանքներ, որոնք փոխարինում են II-ի հաստատուն կապիտալի շրջանառու մասի բնատարրերը միայն։ I-ը հիմա ծախել-պրծել է յուր տարեկան ամբողջ ապրանքարդյունքը, որչափով որ սա II-ին էր ծախվելու. բայց այս ծախելիքի մեկ հինգերորդի արժեքը, 400 £, այժմ դրամաձևով գոյություն ունի I-ի ձեռին։ Սակայն այս փողը դրամացված հավելարժեք է, որն իբրև հասույթ պետք է սպառամիջոցների վրա ծախսվի։ Այսպիսով ուրեմն, I-ը 400-ով գնում է II-ի այն ամբողջ ապրանքարժեքը, որ = 400։ Հետևաբար փողը հետ է հոսում II-ի մոտ՝ սրա ապրանքը տեղաշարժերով։

Հիմա ընդունենք երեք դեպք. ընդսմին II կապիտալիստների այն մասը, որը հիմնական կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] է փոխարինում, մենք անվանում ենք «1-ին մաս», իսկ այն մասը, որը հիմնական կապիտալի մաշվածքարժեքն ամբարում է դրամաձևով, անվանում ենք «2-րդ մաս»։ Երեք դեպքը հետևյալն են. ա) այն 400-ից, որը դեռ իբրև մնացորդ գոյություն ունի II-ում գտնվող ապրանքների ձևով, մի քանակը պետք է փոխհատուցի հաստատուն կապիտալի շրջանառու մասերի մեկ հայտնի քանակություն 1-ին մասի ու 2-րդ մասի համար (ասենք, յուրաքանչյուրին ½-ական). բ) 1-ին մասն արդեն ծախել է յուր ամբողջ ապրանքը, ուրեմն 2-րդ մասն է դեռ ծախելու 400. գ) 2-րդ մասը ծախել է բոլորը, բացի այն 200-ից, որը մաշվածքարժեքի կրիչն է։

Այն ժամանակ մենք ստանում ենք հաջորդ բաժանումները.

ա) Այն ապրանքարժեքից, որ = 400 c և որը II-ի ձեռին է դեռ, 2-ին մասն ունի 100, իսկ 2-րդ մասը՝ 300. այս 300-ից 200-ը մաշվածքն է ներկայացնում։ Այս դեպքում այն 400 £ դրամից, որ I-ը հիմա հետ է ուղարկում՝ II-ի ապրանքները ձեռք բերելու համար, 2-ին մասն սկզբնապես ծախսել է 300, այն է՝ 200-ը դրամով, որի դիմաց նա in natura [բնեղեն կերպարանքով] հիմնական կապիտալատարրեր է կորզել I-ից ու դրամով 100 էլ՝ I-ի հետ արվող յուր ապրանքափոխանակությունը միջնորդագործելու համար, ընդհակառակը, 2-րդ մասը 400-ից միմիայն ¼-ը, ուրեմն միայն 100 է կանխավճարել նույնպես I-ի հետ արվող յուր ապրանքափոխանակումը միջնորդագործելու համար։

Հետևաբար 400 դրամագումարից 1-ին մասը կանխավճարել է 300, իսկ 2-րդ մասը՝ 100։

Բայց այս 400-ից հետ են հոսում —

1-ին մասի մոտ՝ 100, ուրեմն նրա կողմից կանխավճարված փողի [math]^1/_3[/math]-ը միայն։ Սակայն նա մնացած [math]^2/_3[/math]-ի փոխարեն ունի 200-անոց արժեք ունեցող ու նորացված հիմնական կապիտալ։ 200-անոց արժեք ունեցող այս հիմնական կապիտալատարրի համար նա I-ին փող է տվել, բայց լրացուցիչ ապրանք՝ ամենևին։ Նա այս փողի առնչությամբ I-ի հանդեպ ելնում է լոկ իբրև գնորդ, ոչ թե հետո էլ դարձյալ որպես վաճառորդ։ Ուստի այս դրամը չի կարող հետ հոսել 1-ին մասի մոտ. այլապես դուրս կգար, որ սա հիմնական կապիտալատարրերը նվեր է ստացել 1-ից։— Յուր կանխավճարած փողի վերջին [math]^1/_3[/math]-ի առնչությամբ 1-ին մասը նախ հանդես է եկել իբրև յուր հաստատուն կապիտալի շրջանառու բաղադրամասերի գնորդ։ Միևնույն դրամով I-ը նրանից գնում է նրա՝ 100-անոց արժեք ունեցող ապրանքի մնացորդը։ Ուրեմն փողը հետ է հոսում նրա մոտ (II-ի 2-ին մասի մոտ) այն պատճառով, որ նա սկզբում որպես գնորդ հանդես գալուց անմիջապես հետո հրապարակ է ելնում իբրև ապրանքավաճառ։ Եթե փողը հետ չհոսեր, ապա II (2-ին մաս)-ը 1-ին 100-անոց գումարի ապրանքների դիմաց տված կլիներ նախ դրամով 100 ու հետո, սրանից զատ, 200 էլ ապրանքով, ուրեմն յուր ապրանքը նվիրած կլիներ նրան։

Ընդհակառակը, 2-րդ մասի մոտ, որը 200 էր ծախսել փողով, հետ է հոսում 300-ը դրամով. 100-ն այն պատճառով, որ նա սկզբում իբրև գնորդ դրամաձևով 100 նետեց շրջանառության մեջ և այս 200-ը հետ է ստանում որպես վաճառորդ. 200-ն էլ այն պատճառով, որ գործում է որպես 200-անոց արժեգումարի ապրանքների վաճառորդ միայն, բայց ոչ իբրև գնորդ։ Հետևաբար փողը չի կարող հետ հոսել I-ի մոտ։ Ուրեմն հիմնական կապիտալամաշվածքը մնացորդագոցվում է II (2-ին մաս)-ի կողմից հիմնական կապիատլատարրեր գնելու համար շրջանառության մեջ նետած փողով. բայց սա 2-րդ մասի ձեռը գալիս է ոչ թե որպես 1-ին մասի դրամ, այլ իբրև I դասակարգին պատկանող փող։

բ) Այս ենթադրության դեպքում II c-ի մնացորդը բաշխվում է այնպես, որ 1-ին մասն ունենում է դրամով 200, իսկ 2-րդ մասը՝ ապրանքներով 400։

1-ին մասը յուր ապրանքն ամբողջ ծախել է, բայց դրամով 200-ը յուր հաստատուն կապիտալի այն հիմնական բաղադրամասի փոխակերպյալ ձևն է, որը նա նորացնելու է in natura [բնեղեն կերպարանքով]։ Այսպիսով ուրեմն նա այստեղ հանդես է գալիս իբրև գնորդ միայն և յուր փողի տեղ միևնույն արժեգումարի ապրանք է ստանում I-ից՝ հիմնական կապիտալի բնատարրերի ձևով։ 2-րդ մասը (եթե I-ի ու II-ի միջև կատարվող ապրանքափոխանակության համար I-ի կողմից ոչ մի փող չի կանխավճարվում) պետք է մաքսիմում 200 £ միայն նետի շրջանառության մեջ, որովհետև նա յուր ապրանքարժեքի կեսի չափով I-ին ծախող է միայն, բայց ոչ թե I-ից գնող։

Նրան շրջանառությունից վերադառնում է 400 £. 200-ն այն պատճառով, որ նա այս կանխավճարել է իբրև գնորդ և հետ է ստանում որպես 200-անոց ապրանքի վաճառորդ. իսկ 200-ն էլ՝ այն պատճառով, որ նա 200-անոց արժեքով ապրանք է ծախում I-ին՝ առանց սրա դիմաց էլի ապրանքահամարժեք դուրս կորզելու I-ից։—

գ) 1-ին մասն ունի դրամով 200 ու ապրանքով 200 c. 2-րդ մասն ունի 200 c (d) ապրանքների ձևով։

2-րդ մասն այս ենթադրության դեպքում դրամով ոչինչ չի կանխավճարելու, որովհետև նա, I-ի հակառակ, գործում է այլևս ոչ թե իբրև գնորդ, այլ դեռ միմիայն որպես վաճառորդ, հետևաբար նա պետք է սպասի, մինչև գնեն նրանից։

1-ին մասը կանխավճարում է դրամով 400 £, 200-ը՝ I-ի հետ կատարվող փոխադարձ ապրանքափոխանակության համարք իսկ 200-ն էլ՝ որպես I-ից սոսկ գնող։ Այս վերջին 200 £ դրամով նա հիմնական կապիտալատարրեր է գնում։

I-ը 200 £ դրամով 200-ի ապրանք է գնում 1-ին մասից, որի մոտ սրա շնորհիվ հետ է հոսում այս ապրանքափոխանակության համար կանխավճարած 200 £ դրամը. այլև I-ն ուրիշ 200 £-ով — որը նա նույնպես 1-ին մասից էր ստացել — 200-ի ապրանքներ է գնում 2-րդ մասից, որի ձեռին սրա շնորհիվ դրամաձևով իբրև սիկ նստում է նրա հիմնական կապիտալամաշվածքը։

Բանն ամենևին չէր փոխվի, եթե ենթադրեինք, որ գ) դեպքում II (1-ին մասի տեղ I դասակարգն է դրամով 200-ը կանխավճարում գոյություն ունեցող ապրանքների փոխանակության համար։ Այն ժամանակ եթե I-ն է նախ II, 2-րդ մասից 200-ի ապրանք գնում — ենթադրվում է, որ սա դեռ միմիայն այս ապրանքամնացորդն ունի ծախելու — ապա 200 £-ը չի վերադառնում I-ի ձեռը, որովհետև II, 2-րդ մասը կրկին հանդես չի դալիս իբրև գնորդ. բայց այս դեպքում II, 2-րդ մասը պետք է գնում անի 200 £ դրամով և ditto [նմանապես] դեռ 200-ի էլ ապրանքներ փոխանակի, ուրեմն պետք է ընդամենը 400 փոխանակի՝ I-ից գնելով։ Այն ժամանակ 200 £ փողը II, 1-ին մասից վերադառնում է I-ին։ Եթե I-ն այս փողն էլի ծախսում է II, 1-ին մասից 200-ի ապրանք գնելու համար, ապա հիշյալ դրամը վերադառնում է I-ին, հենց որ II, 1-ին մասը 400-անոց ապրանքի երկրորդ կեսն առնում է I-ից։ (II) 1-ին մասը 200 £ փողը ծախսել է իբրև հիմնական կապիտալի տարրերի սոսկական գնորդ, ուստի այս փողը չի վերադառնում նրան, այլ ծառայում է այն բանին, որ II, 2-րդ մասի մնացորդ 200 c ապրանքները դրամացնի, այնինչ ապրանքափոխանակության համար ծախսած փողը, 200 £-ը, հետ է հոսում I-ի մոտ ոչ թե via II, 2-րդ մաս, այլ via [վրայով, ճանապարհով։ Տվյալ դեպքում՝ «ոչ թե II, 2-րդ մասի ճանապարհով, այլ II, 1-ին մասի ճանապարհով»։] II, 1-ին մաս։ Նրա 400-անոց ապրանքի դիմաց նրան վերադարձել է 400-անոց գումարի ապրանքահամարժեք. 800-անոց ապրանքի փոխանակության համար նրա կողմից կանխավճարված 200 £ դրամը ditto [նմանապես] վերադարձել է նրան, և այսպիսով ամեն բան կարգին է։



Այն դժվարությունը, որ երևան եկավ

1 000 v + 1 000 m
2 000 c

փոխանակության ժամանակ, վերածվեց այն դժվարության, որ մեջտեղ է ելնում հետևյալ մնացորդները փոխանակելիս.

I . . . . . . 400 m

II. (1-ին) 200 փող + 200 c ապրանք + (2-րդ) 200 c ապրանք, կամ գործն ավելի պարզ դարձնելու համար՝

I. 200 m + 200 m.

II. (1-ին) 200 փող + 200 c ապրանք + (2-րդ) 200 c ապրանք։

Որովհետև II, 1-ին մասում 200 c ապրանքը փոխանակվում է 200 Im (ապրանք)-ի հետ, և որովհետև այն ամբողջ դրամը, որ 400-անոց ապրանքների փոխանակության ժամանակ շրջանառում է I-ի ու II-ի միջև, հետ է հոսում նրա մոտ, ով կանխավճարել էր այն, այսինքն՝ I-ի կամ թե II-ի մոտ,— ուստի այս դրամն իբրև I-ի ու II-ի միջև կատարվող փոխանակության տարր իրոք ոչ մի տարրը չի այն առեղծվածի, որը մեզ այստեղ զբաղեցնում է։ Կամ թե ուրիշ կերպ պատկերացրած.— եթե մենք ենթադրենք, որ 200 Im (ապրանք)-ի ու 200 IIc (II, 1-ին մասի ապրանք)-ի միջև կատարվող փոխանակության մեջ դրամը գործում է որպես վճարամիջոց ու ոչ թե իբրև գնելամիջոց, ուրեմն է ոչ որպես «շրջանառության միջոց» բառի ամենանեղ իմաստով, ապա պարզ է, որ — որովհետև 200 Im ու 200 IIc (1-ին մաս) ապրանքները նույնահավասար արժեգումարի են,— 200-անոց արժեք ունեցող արտադրամիջոցները փոխանակվում են 200-անոց արժեքով սպառամիջոցների հետ, որ դրամն այստեղ լոկ իդեապես է գործում, և հաշվեմնացորդը վճարահատուցելու համար այս կամ թե այն կողմից իրապես ոչ մի փող չպետք է նետվի շրջանառության մեջ, հետևաբար առեղծվածը զուտ կերպարանքով հանդես է դալիս այն ժամանակ միայն, երբ մենք 200 Im ապրանքն ու նրա համարժեքը, 200 IIc (1-ին մաս) ապրանքը երկու կողմում էլ — թե՛ I-ի ու թե՛ II-ի կողմում ջնջում ենք։ Այսպիսով ուրեմն նույնահավասար արժեք ունեցող այս երկու (I ու II) ապրանքագումարները, որոնք փոխադարձաբար մնացորդագոցում են իրար, մեջտեղից հանելուց հետո մնում է փոխանակության այն մնացորդը, որի մեջ առեղծվածը հանդես է գալիս զուտ կերպարանքով, այն է՝

I. 200 m ապրանք։

II. (1-ին) 200 c փող + (2-րդ) 200 c ապրանք։

Այստեղ պարզ է հետևյալը. II, 1-ին մասը 200 դրամով գնում է յուր հիմնական կապիտալի բաղադրամասերի 200 Im. սրանով II, 1-ին մասի հիմնական կապիտալը նորացվում է in natura [բնեղեն կերպարանքով], և I-ի հավելարժեքը, որ 200-անոց արժեք ունի, ապրանքաձևից (արտադրամիջոցներից ու այն էլ՝ հիմնական կապիտալի տարրերից) փոխարկվում է դրամաձևի։ Այս փողով սպառամիջոցներ է գնում II, 2-րդ մասից, և հետևանքը II-ի համար այն է լինում, որ 2-ին մասի համար նորացվում է սրա հաստատուն կապիտալի մի հիմնական բաղադրամասն in natura [բնեղեն կերպարանքով], և որ 2-րդ մասի համար մի ուրիշ բաղադրամաս (որը հիմնական կապիտալի մաշվածքն է փոխհատուցում) տակին սկում-նստում է իբրև դրամ. և այս շարունակվում է ամեն տարի՝ մինչև այս բաղադրամասի էլ in natura [բնեղեն կերպարանքով] նորացվելը։

Նախապայմանն այստեղ ակներևորեն այն է, որ II հաստատուն կապիտալի այս հիմնական բաղադրամասը,— որը յուր ամբողջ արժեքով հետ է փոխարկվում դրամի և ուրեմն յուրաքանչյուր տարի պետք է in natura [բնեղեն կերպարանքով] նորացվի (1-ին մաս),— հավասար լինի II հաստատուն կապիտալի այն մյուս հիմնական բաղադրամասի տարեմաշվածքին, որը դեռ շարունակում է գործել յուր հին բնաձևով և որի մաշվածքը, արժեկորուստը, որ նա փոխանցում է այն ապրանքներին, որոնց արտադրության մեջ նա գործում է, պետք է ամենից առաջ դրամով փոխհատուցվի։ Ըստ այսմ մի այսպիսի հավասարակշռությունը ներկայանում է իբրև անփոփոխ մասշտաբով վերարտադրության օրենք, ուրիշ խոսքով՝ այս նշանակում է, որ արտադրամիջոցներ արտադրող I դասակարգում պետք է աշխատանքի համամասնական բաժանումն անփոփոխ մնա այն չափով, որչափով որ նա հաստատուն կապիտալի մի կողմից՝ շրջանառու և մյուս կողմից՝ հիմնական բաղադրամասեր է մատակարարում II ստորաբաժանմանը։

Նախքան ավելի մոտից այս հետազոտելը՝ մենք առաջ պետք է տեսնենք, թե բանն ինչպես է ներկայանում այն ժամանակ, երբ IIc (1-ին) մնացորդագումարը հավասար չի IIc (2-րդ) մնացորդին, նա կարող է ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել, հաջորդաբար դնենք երկու դեպքն էլ։


Առաջին դեպք

I. 200 m.

II. (1-ին) 220 c (փողով) + (2-րդ) 200 c (ապրանքով)։

Այստեղ IIc (1-ին) 200 £ փողով գնում է 200 Im ապրանքները, իսկ I-ը միևնույն դրամով գնում է 200 IIc (2-րդ) ապրանքները, ուրեմն հիմնական կապիտալի այն բաղադրամասը, որը պետք է սկելով տակին նստի որպես փող. սրանով նա դրամացված է լինում։ Բայց իբրև դրամ գոյություն ունեցող 20 IIc (1-ին)-ը դեռ չի կարող հետփոխարկվել հիմնական կապիտալի in natura [բնեղեն կերպարանքով]։

Թվում է, թե այս չարիքը կարելի է վերացնել, եթե Im-ի մնացորդ դնենք 200-ի տեղ 220, այնպես որ 2 000 I-ից 1 800-ի փոխարեն միմիայն 1780-ը տված, պրծած լինենք նախորդ փոխանակության միջոցով։ Հետևաբար այս դեպքում՝

I. 220 m.

II. (1-ին) 220 c (փողով) + (2-րդ) 200 c (ապրանքով)։

IIc, 1-ին մասը 220 £ փողով գնում է 220 Im-ը, իսկ հետո I-ը 200 £-ով գնում է ապրանքաձևով գոյություն ունեցող 200 IIc (2-րդ)-ը։ Բայց այս դեպքում I-ի կողմում մնում է դրամով 20 £, մի կտոր հավելարժեք, որը նա կարող է պահել իբրև փող միայն, բայց չի կարոդ ծախսել սպառամիջոցների, վրա։ Դժվարությունն այսպիսով լոկ տեղաշարժված, IIc (1-ին մաս)-ից փոխադրված է լինում Im-ի վրա։

Հիմա մենք մյուս կողմից ընդունենք, որ IIc, 1-ին մասն ավելի փոքր է IIc (2-րդ մաս)-ից, ուրեմն

Երկրորդ դեպք

I. 500 m (ապրանքով).

II. (1-ին) 180 c (փողով) + (2-րդ) 200 c (ապրանքով)։

II (1-ին մաս)-ը 180 £ դրամով գնում է 180 Im ապրանքները. 1-ը միևնույն փողով գնում է նույնահավասար արժեքի ապրանքներ II (2-րդ մաս)-ից, ուրեմն գնում է 20 IIc (2-րդ). չծախված մնում է 20 Im մի կողմում, ու նմանապես 20 IIc (2-րդ) էլ մյուս կողմում. 40-անոց արժեքի ապրանքներ չեն կարող դրամի փոխարկվել։

Մեզ չէր օգնի ամենևին, եթե I մնացորդը դնեինք = 180-ի. այս դեպքում թեև I-ի կողմում ոչ մի ավելցուկ չի մնում, բայց IIc (2-րդ մաս)-ի կողմում առաջվա նման 20-անոց մի ավելցուկ մնում է չծախված, չի կարող դրամի փոխարկվել։

Առաջին դեպքում, որտեղ II (1-ին)-ը մեծ է II (2-րդ)-ից, IIc (1-ին)-ի կողմում մնում է դրամով մի ավելցուկ, որը չի կարող հետփոխարկվել հիմնական կապիտալի. կամ եթե դրվում է Im մնացորդը = է IIc (2-ին), ապա Im-ի կողմումն է լինում դրամով միևնույն ավելցուկը, որը չի կարող սպառամիջոցների փոխարկվել։

Երկրորդ դեպքում, որտեղ II (1-ին)-ը փոքր է IIc (2-րդ)-ից, դրամով մի պակասորդ մնում է 200 Im-ի ու IIc (2-րդ)-ի կողմում, և ապրանքի նույնահավասար մի ավելցուկ էլ՝ երկու կողմում. կամ եթե դրվում է Im մնացորդը = է IIc (2-րդ), ապա դրամական մի պակասորդ ու ապրանքային ավելցուկ լինում է IIc (2-րդ)-ի կողմում։

Եթե մենք Im մնացորդները միշտ հավասար դնենք IIc (1-ին)-ին — որովհետև ապսպրանքներն են որոշում արտադրությունը, և վերարտադրությունն սկի չի փոխվի, եթե այս տարի ավելի շատ արտադրվեն II ու I կապիտալի հիմնական կապիտալաբաղադրամասեր, հաջորդ տարում ավելի շատ՝ շրջանառու կապիտալաբաղադրամասեր — ապա առաջին դեպքում՝ Im-ը կարող էր հետփոխարկվել սպառամիջոցների լոկ այն ժամանակ, երբ I-ը սրանով գներ II-ի հավելարժեքի մի մասը, հետևաբար վերջինս սպառվելու փոխարեն I-ի կողմից կուտակվեր իբրև փող. երկրորդ դեպքում դրությանը մի ճար արված կլիներ այն ժամանակ միայն, երբ I-ն ինքը փող ծախսեր, ուրեմն ստացվեր այն վարկածը, որ մենք մերժել ենք։

Եթե IIc (1-ին)-ը մեծ է IIc (2-րդ)-ից, ապա Im-ում եղած դրամավելցուկն իրացնելու համար անհրաժեշտ է օտարերկրյա ապրանքի ներմուծում։ Եթե IIc (1-ին)-ը փոքր է IIc (2-րդ)-ից, ապա, ընդհակառակը, արտադրամիջոցների ձևով IIc մաշվածքամասն իրացնելու համար անհրաժեշտ է II ապրանքի (սպառամիջոցների) արտահանում։ Ուրեմն երկու դեպքում էլ անհրաժեշտ է արտաքին առևտուր։

Եթե ենթադրենք նույնիսկ, թե անփոփոխ մասշտաբով վերարտադրությունը քննարկելու համար պետք է ընդունել, որ բոլոր արդյունաբերաճյուղերի արտադրողականությունը, հետևաբար նրանց ապրանքարդյունքների համամասնական արժեհարաբերություններն էլ հաստատուն են մնում, ապա այնուամենայնիվ հենց նոր հիշատակված երկու դեպքը, որտեղ IIc (1-ին)-ը մեծ կամ թե փոքր է IIc (2-րդ)-ից, միշտ շահագրգռություն կներկայացնեին ընդլայնված մասշտաբով վերարտադրության համար, որտեղ նրանք անպայման կարող էին մեջտեղ գալ։

3) Հետևանքներ

Հիմնական կապիտալի փոխարինման առնչությամբ ընդհանրապես հետևյալը պետք է նկատել.

Եթե — մյուս բոլոր հանգամանքները, հետևաբար ոչ միայն արտադրության մասշտաբը, այլ հատկապես նաև աշխատանքի արտադրողականությունն անփոփոխ ենթադրելով — IIc-ի հիմնական տարրի մի ավելի մեծ մասն է մեռնում, պրծնում, քան եղել էր նախընթաց տարում, ուրեմն և մի ավելի մեծ մասը պետք է նորացվի in natura [բնեղեն կերպարանքով], ապա հիմնական կապիտալի այն մասը, որ յուր մահանալու ճանապարհին է միայն և մինչև յուր մահվան ժամկետն առայժմ դեռ դրամով է փոխհատուցվելու, պետք է միևնույն համամասնությամբ պակասի, որովհետև, ենթադրության համաձայն, II-ում գործող հիմնական կապիտալամասի գումարը (այլև արժեգումարը) միևնույնն է մնում։ Իսկ սրան ուղեկցում են հետևյալ հանգամանքները։ Առաջին. եթե I ապրանքակապիտալի մի ավելի մեծ մասն է կազմված լինում IIc-ի հիմնական կապիտալի տարրերից, ապա հենց նույնքան ավելի փոքր մասն է կազմված լինում IIc-ի շրջանառու բաղադրամասերից, որովհետև I-ի այն ամբողջ արտադրությունը, որ սա պատրաստում է II-ի համար, անփոփոխ է մնում։ Եթե նրա մի մասն աճում է, ապա մյուսը պակասում է, և ընդհակառակը։ Բայց մյուս կողմից՝ II դասակարգի ամբողջ արտադրությունն էլ միևնույն մեծության կանգնած է մնում։ Իսկ այս ի՞նչպես է հնարավորի նրա հումքերի, կիսաֆաբրիկատների, օժանդակ նյութերի (այսինքն II հաստատուն կապիտալի շրջանառու տարրերի) նվազելու դեպքում։ Երկրորդ. IIc հիմնական կապիտալի՝ դրամաձևով վերականգնված մի ավելի խոշոր մաս հոսում է դեպի I-ը՝ դրամաձևից բնաձևի հետփոխարկվելու համար։ Ուրեմն, I-ի ու II-ի միջև կատարվող սոսկական ապրանքափոխանակության համար շրջանառող փողից զատ, ավելի շատ դրամ է հոսում I-ի մոտ, ավելի շատ դրամ, որը ոչ թե փոխադարձ ապրանքափոխանակությունն է միջնորդագործում, այլ լոկ միակողմանիորեն գնելամիջոցի ֆունկցիայումն է հանդես գալիս։ Սակայն միաժամանակ IIc-ի այն ապրանքամասսան, որը մաշվածքի արժեփոխհատուցման կրիչն է, համամասնորեն կքչանար, ուրեմն կնվազեր այն II ապրանքամասսան, որը պետք է փոխանակվի ոչ թե I-ի ապրանքի հետ, այլ I-ի դրամի հետ միայն։ II-ի ավելի շատ փողը կհոսեր I-ի մոտ իբրև սոսկական գնելամիջոց, և ավելի քիչ ապրանք կլիներ II-ի մոտ, որը I-ի հանդեպ գործելու էր իբրև սոսկական գնորդ, հետևաբար Im-ի մեկ ավելի խոշոր մասը — քանի որ Iv-ն արդեն II ապրանքի է փոխարկված — չէր կարող II ապրանքի փոխարկվել, այլ դրամաձևում կպահվեր։

Սրանից հետո այլևս կարիք չկա քննարկելու հակառակ դեպքը, երբ II հիմնական կապիտալի մահանալու դիպվածների հետևանքով՝ մի տարում լինելիք նրա վերարտադրությունն ավելի փոքր է լինում, իսկ, ընդհակառակը, մաշվածքամասն ավելի մեծ է լինում։

Եվ այսպիսով ահա, չնայած վերարտադրության անփոփոխ մասշտաբին, ճգնաժամ կլիներ — արտադրաճգնաժամ։

Մի խոսքով. եթե պարզ վերարտադրության ժամանակ ու անփոփոխ մնացած հանգամանքներում, ուրեմն մասնավորապես աշխատանքի միևնույն արտադրողական ույժի, միևնույն ընդհանուր քանակի ու միևնույն լարունության ժամանակ մի հաստատուն համամասնություն չի ենթադրվում մեռնող-պրծնող (նորացնելիք ու հին բնաձևով գործել շարունակող (լոկ յուր մաշվածքի փոխհատուցման դիմաց արդյունքներին արժեք միակցող) հիմնական կապիտալի միջև,— ապա մի դեպքում՝ վերարտադրելի շրջանառու բաղադրամասերի քանակը նույնը կմնար, բայց վերարտադրելի հիմնական բաղադրամասերի քանակն աճած կլիներ, ուրեմն պետք է ամբողջ I արտադրությունն աճեր, կամ թե չէ՝ եթե նույնիսկ մի կողմ թողնենք դրամահարաբերությունները, վերարտադրության պակասորդ կգոյանար։

Մյուս դեպքում. եթե in natura [բնեղեն կերպարանքով] վերարտադրելի II հիմնական կապիտալի համամասնական մեծությունը քչանար, ուրեմն II հիմնական կապիտալի դեռ լոկ դրամով փոխհատուցելի բաղադրամասը միևնույն հարաբերությամբ շատանար, ապա II հաստատուն կապիտալի՝ I-ի կողմից վերարտադրված շրջանառու բաղադրամասերի քանակը նույնը կմնար, իսկ վերարտադրելի հիմնական կապիտալինն, ընդհակառակը, կնվազեր։ Հետևաբար կստացվեր կա՛մ ամբողջ I արտադրության նվազում, կամ թե չէ՝ ավելցուկ (ինչպես առաջ՝ պակասորդ) ու այն էլ ոչ դրամացնելի ավելցուկ։

Միևնույն աշխատանքը, ճիշտ է, առաջին դեպքում կարող է շատացող արտադրողականությամբ, ընդարձակմամբ կամ թե լարունությամբ ավելի մեծ արդյունք տալ, և այսպիսով կարող էր պակասորդը գոցվել առաջին դեպքում. բայց այսպիսի փոփոխությունը չէր կարող կատարվել, եթե աշխատանքն ու կապիտալն I-ի մի արտադրաճյուղից չտեղափոխվեին մեկ ուրիշը, իսկ յուրաքանչյուր այսպիսի տեղափոխություն ժամանակավոր խանգարումներ առաջ կբերեր։ Սակայն երկրորդ՝ I-ը (որչափով որ աշխատանքի ընդարձակումն ու լարունացումն ավելանում են) պետք է ավելի շատ արժեք փոխանակեր II-ի ավելի քիչ արժեքի հետ, ուրեմն պետք է I-ի արդյունքի գնազրկում տեղի ունենար։

Հակառակն է լինում երկրորդ դեպքում, որտեղ I-ը պետք է յուր արտադրությունը կծկի, մի բան, որ սրանում զբաղված բանվորների ու կապիտալիստների համար ճգնաժամ է նշանակում, կամ թե չէ՝ նա ավելցուկ է տալիս, որ էլի ճգնաժամ է։ Ինքնըստինքյան այսպիսի ավելցուկները չարիք չեն ամենևին. այլ առավելություն բայց կապիտալիստական արտադրության ժամանակ նրանք չարիք են։

Արտաքին առևտուրը երկու դեպքում էլ կարող էր օգնել, ճար անել, առաջին դեպքում՝ I-ի՝ դրամաձևով պահված ապրանքն սպառամիջոցների փոխարկելու համար, երկրորդ դեպքում՝ ապրանքի ձևով եղած ավելցուկը վաճառահանելու համար։ Բայց արտաքին առևտուրը, որչափով որ սա լոկ տարրեր չի փոխարինում (հենց ըստ արժեքի էլ), միմիայն փոխադրում է հակասություններն ավելի ընդարձակված ոլորտը, նրանց համար մի ավելի մեծ ասպարեզ է բաց անում։

Մի անգամ որ վերարտադրության կապիտալիստական ձևը վերացվում է, ապա գործը հանգում է այն բանին, որ հիմնական կապիտալի մեռնող–պրծնող և ուրեմն in natura [բնեղեն կերպարանքով] նորացնելի (այս դեպքում՝ սպառամիջոցների արտադրության մեջ գործող) մասի մեծությունը հաջորդական տարբեր տարիներում փոփոխվում է։ Եթե սա մի տարում շատ մեծ է (բարձր է միջին մահացությունից, ինչպես որ լինում է մարդկանց մեջ էլ), ապա, անշուշտ, նույնքանով փոքր է հաջորդ տարում։ Մյուս հանգամանքներն անփոփոխ մնացած ենթադրելով՝ հումքերի, կիսաֆաբրիկատների ու օժանդակ նյութերի այն քանակը, որ անհրաժեշտ է սպառամիջոցների տարեկան արտադրության համար, չի պակասում հիշյալ պատճառով. հետևաբար արտադրամիջոցների ամբողջ արտադրությունը պետք է մի դեպքում շատանար, մյուսում՝ քչանար։ Սրան կարելի է ճար անել հարատև հարաբերական գերարտադրությամբ միայն. մի կողմից՝ հիմնական կապիտալի մի հայտնի քանակ ավելի է արտադրվում, քան ուղղակի անհրաժեշտ է. մյուս կողմից ու հատկապես պատրաստվում է հումքի և այլոց այնպիսի պաշար, որը գերազանցում է տարեկան անմիջական պահանջմունքներից (սա ամբողջովին վերաբերում է մանավանդ կենսամիջոցներին)։ Գերարտադրության այս տեսակը համազոր է այն բանին, որ հասարակությունը վերահսկում է յուր սեփական վերարտադրության առարկայական միջոցներին։ Բայց կապիտալիստական հասարակության մեջ գերարտադրությունը մի անիշխանական տարր է։

Հիմնական կապիտալի այս օրինակը — վերարտադրության անփոփոխ մնացող մասշտաբի ժամանակ — ակնբախ է, հիմնական ու շրջանառու կապիտալի արտադրության միջև եղած անհամերաշխությունը տնտեսագետների սիրած պատճառներից մեկն է՝ ճգնաժամերը բացատրելու համար։ Որ այսպիսի անհամամասնություն կարող է և պետք է առաջանա հիմնական կապիտալի հենց սոսկ պահել-բանեցնելուց էլ,— նրանց համար մի նոր բան է սա, այսինքն այն, որ անհամամասնությունը կարող է և պետք է ծագի իդեալական մի նորմալ արտադրություն ենթադրելիս, արդեն գործող հասարակական կապիտալի պարզ վերարտադրության ժամանակ։

XII. ԴՐԱՄԱՆՅՈՒԹԵՂԵՆԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մինչև հիմա մեր ուշադրության շրջանակից բոլորովին դուրս էր թողնվել մի մոմենտ, այն է՝ ոսկու և արծաթի տարեկան վերարտադրությունը։ Իբրև պերճանքառարկաների, ոսկեզօծման և այլոց սոսկական նյութեղեն՝ նրանք այստեղ չպետք է առանձնակի հիշատակվեին նույնպես, հենց ինչպես ամեն տեսակի ուրիշ արդյունքներ։ Ընդհակառակը, որպես դրամանյութեղեն, ուրեմն իբրև պոտենցիալ փող նրանք կարևոր դեր են խաղում։ Այստեղ հարցը պարզ դարձնելու համար մենք որպես դրամանյութեղեն վերցնում ենք միմիայն ոսկին։

Ավելի հին տվյալների համաձայն՝ ոսկու տարեկան ամբողջ արտադրությունն անում էր 8—900 000 ֆունտ = կլոր հաշվով 1 100 կամ թե 1 250 միլիոն մարկ։ Ըստ Զյոտբերի,[22] ընդհակառակը, 1871—75 թվականներին միջին հաշվով անում էր միմիայն 170 675 կիլոգրամ՝ կլոր հաշվով 476 միլիոն մարկ արժեքով։ Սրանից մատակարարում էին — Ավստրալիան՝ կլոր հաշվով 167, Միացյալ Նահանգները՝ 166, Ռուսաստանը՝ 93 միլիոն մարկ։ Մնացորդը բաշխվում է տարբեր երկիրների վրա՝ յուրաքանչյուրին 10 միլիոն մարկից ավելի պակաս գումարներով։ Տարեկան արծաթարտադրությունը միևնույն պարբերաշրջանում անում էր 2 միլիոն կիլոգրամից մի քիչ պակաս՝ 354½ միլիոն մարկ արժեքով. սրանից մատակարարում էր կլոր թվով Մեքսիկան 108, Միացյալ Նահանգները՝ 102, Հարավ–Ամերիկան՝ 67, Գերմանիան՝ 26 միլիոն և այլն։

Այն երկիրներից, որտեղ կապիտալիստական արտադրությունն է գերիշխում, մենակ Միացյալ Նահանգներն են ոսկի ու արծաթ արտադրող. եվրոպական կապիտալիստական երկիրներն իրենց համարյա ամբողջ ոսկին ու իրենց արծաթի ամենամեծ մասն Ավստրալիայից, Միացյալ Նահանգներից, Մեքսիկայից, Հարավ-Ամերիկայից ու Ռուսաստանից են ստանում։

Բայց մենք ոսկեհանքարանները տեղափոխում ենք կապիտալիստական արտադրություն ունեցող այն երկիրը, որի որ տարեկան վերարտադրությունը վերլուծում ենք այստեղ, ու այն էլ՝ հետևյալ հիմունքով։

Կապիտալիստական արտադրություն առհասարակ գոյություն չունի առանց արտաքին առևտրի։ Բայց եթե մի տվյալ մասշտաբով նորմալ տարեկան վերարտադրություն է ենթադրվում, ապա սրանով ենթադրվում է նաև այն, որ արտաքին առևտուրն ուրիշ սպառաձև կամ բնաձև ունեցող առարկաներով լոկ փոխարինում է բնաշխարհիկ առարկաների առանց ներգործելու արժեհարաբերությունների վրա. հետևաբար ոչ էլ այն հարաբերությունների վրա, որոնցսվ իրար հետ փոխանակվում են երկու կատեգորիան — արտադրամիջոցներն ու սպառամիջոցները, և չփոփոխելով նմանապես հարաբերությունները հաստատուն կապիտալի, փոփոխուն կապիտալի ու հավելարժեքի, որոնց որ կարող է տրոհվել այս կատեգորիաներից ամեն մեկի արդյունքի արժեքը։ Այսպիսով ուրեմն, տարեկան վերարտադրված արդյունարժեքի վերլուծության ժամանակ արտաքին առևտուրը ներխցկելը կարող է լոկ մոլորեցնել՝ առանց մի նոր մոմենտ մատակարարելու կամ առեղծվածի և կամ սրա լուծման համար, հետևաբար պետք է ամբողջովին վերանալ նրանից. ուրեմն այստեղ ոսկին էլ պետք է քննախոսել որպես տարեկան վերարտադրության անմիջական տարր ու ոչ թե իբրև դրսից փոխանակության միջոցով ներմուծած ապրանքատարր։

Ոսկու արտադրությունն, ինչպես և մետաղարտադրությունն ընդհանրապես, պատկանում է I դասակարգին, այն կատեգորիային, որն ընդգրկում է արտադրամիջոցների արտադրությունը։ Ընդունենք, որ տարեկան ոսկեարդյունքը = 30 (հարմարության համար. փաստորեն շատ ավելի բարձր թիվ ենք վերցրել մեր սխեմայի թվերի համեմատությամբ). ասենք, թե այս արժեքը տրոհվելու է 20 c + 5 v + 5 m-ի. 20 c-ն պետք է փոխանակվի Ic-ի ուրիշ տարրերի հետ, իսկ այս մենք հետո ենք քննարկելու. իսկ 5 v + 5 m (I)-ը պետք է փոխանակվեն IIc-ի տարրերի, այսինքն սպառամիջոցների հետ։

Ինչ վերաբերում է 5 v-ին, ապա ոսկի արտադրող ամեն մի ձեռնարկություն ամենից առաջ սկսում է այն բանից, որ աշխատույժ է գնում. ոչ թե հենց յուր արտադրած ոսկով, այլ այն երկրում պաշար արված փողի մի քանակով։ Բանվորներն այս 5 v-ով սպառամիջոցներ են դուրս կորզում II-ից, իսկ սա այս փողով արտադրամիջոցներ է գնում I-ից։ Եթե II-ը, ասենք, 2-ով ոսկի է գնում I-ից իբրև ապրանքանյութեղեն և այլն (յուր հաստատուն կապիտալի բաղադրամաս), ապա 2 v-ն հետ է հոսում I ոսկեարտադրողի մոտ դրամի ձևով, որն առաջ արդեն շրջանառությանն էր պատկանում։ Երբ II-ն այնուհետև ոչ մի նյութեղեն չի գնում I-ից, ապա I-ն է գնում II-ից, ընդվորում նա յուր ոսկին է շրջանառության մեջ նետում իբրև դրամ, որովհետև ոսկին կարող է գնել ամեն մի ապրանք։ Տարբերությունը լոկ այն է, որ I-ն այստեղ հանդես է գալիս ոչ թե իբրև վաճառորդ, այլ որպես գնորդ։ I-ի ոսկեարդյունաբերողները միշտ կարող են իրենց ապրանքը վաճառահանել. սա միշտ գտնվում է անմիջաբար փոխանակելի ձևում։

Ընդունենք, որ մի մանագործարանատեր յուր բանվորներին վճարել է 5 v, իսկ սրանք փոխարենը նրան մատակարարում են — հավելարժեքը մի կողմ թողած — մի մանվածք արդյունքի ձևով = 5. բանվորներն այս 5-ով գնումն են անում II c-ից, սա դրամի ձև ունեցող 5-ով մանված է գնում I-ից, և այսպիսով 5 v-ն հետ է հոսում մանագործարանատիրոջ մոտ դրամի ձևով։ Վերևում ենթադրած դեպքում, ընդհակառակը, I վ-ն (մենք այսպես ենք նշանակում ոսկեարտադրողներին) յուր բանվորներին 5 v կանխավճարում է այն դրամով, որն արդեն առաջ էլ շրջանառությանն էր պատկանում. այս բանվորները փողը ծախսում են կենսամիջոցների վրա. բայց 5-ից միմիայն 2-ն է II-ից վերադառնում I վ-ին։ Սակայն I վ-ն կարող է վերարտադրած պրոցեսը նորից սկսել հենց բոլորովին այնպես, ինչպես մանագործարանատերը. որովհետև I վ-ին յուր բանվորները ոսկու ձևով էին 5 մատակարարել, որից 2-ը նա ծախել է, ձեռին ունի ոսկու ձևով 3, ուրեմն այս 3-ը նա միմիայն պետք է ստակահատի[23] կամ թե բանկնոտների փոխարկի, որպեսզի ուղղակի, առանց II-ի միջնորդագործման, յուր ամբողջ փոփոխուն կապիտալն էլի դրամաձևով յուր ձեռին լինի։

Բայց տարեկան վերարտադրության հենց այս առաջին պրոցեսի ժամանակ արդեն մի փոփոխություն է կատարվել դրամամասսայի այն քանակի մեջ, որն իրոք կամ թե հնարափորապես շրջանառությանն էր պատկանում։ Մենք ընդունեցինք, որ IIc-ն 2 v (I վ)-ն իբրև նյութեղեն է գնել, իսկ 3-ն էլ I վ-ն էլի ծախսում է II-ի սահմաններում՝ հաստատուն կապիտալի դրամաձևով։ Հետևաբար նոր ոսկեարտադրության միջոցով մատակարարված դրամամասսայից 3-ը մնացել են II-ի սահմաններում և հետ չեն հոսել I-ի մոտ։ Ենթադրության համաձայն II-ը բավարարել է ոսկենյութեղենի յուր կարիքը։ 3-ը նրա ձեռին է մնում իբրև ոսկեգանձ։ Որովհետև սա նրա հաստատուն կապիտալի ոչ մի տարրը կազմել չի կարող և, հետո, որովհետև II-ն առաջուց արդեն բավարար դրամակապիտալ ուներ աշխատույժ գնելու համար, այնուհետև քանի որ այս լրացուցիչ 3 վ-ն, բացի մաշվածքատարրից, ոչ մի ֆունկցիա չունի կատարելու IIc-ի սահմաններում, որի մի մասի հետ փոխանակվել է նա (սա կարող էր մաշվածքատարրը pro tanto [այնքանով, համապատասխան քանակով] գոցելուն միայն ծառայել, եթե IIc (1-ին)-ը IIc (2-րդ)-ից փոքր է, մի բան, որ պատահական է), իսկ մյուս կողմից, հենց մաշվածքատարրից զատ, ամբողջ IIc ապրանքարդյունքը պիտի փոխանակվի I (v + m) արտադրամիջոցների հետ,— ուստի այս դրամն ամբողջովին պետք է IIc-ից փոխադրվի IIm-ի մեջ, այս վերջինս անհրաժեշտ կենսամիջոցների՞, թե՞ պերճանքամիջոցների ձևով գոյություն ունենալիս լինի հիմա, միևնույն է. իսկ ընդհակառակը, համապատասխան չափով ապրանքարժեք էլ. IIm-ից փոխադրվելու է IIc-ի մեջ։ Հետևանքը.— հավելարժեքի մի մասն ամբարվում է իբրև դրամագանձ։

Վերարտադրության երկրորդ տարում, եթե տարվա մեջ արտադրված ոսկու միևնույն համամասնությունն է շարունակում իբրև նյութեղեն օգտագործվել, էլի 2-ը հետ կհոսի I վ-ի մոտ, իսկ 3-ը կփոխարինվի in natura [բնեղեն կերպարանքով], այսինքն էլի II-ի սահմաններում կսազատարձակվի որպես գանձ և այլն։

Փոփոխուն կապիտալի վերաբերմամբ առհասարակ.— I վ կապիտալիստն ուրիշ ամեն մի կապիտալիստի նման այս կապիտալը միշտ պետք է դրամաձևով կանխավճարի՝ աշխատանք գնելու համար։ Այս v-ի կապակցությամբ ոչ թե նա, այլ յուր բանվորն է գնում անելու II-ից. հետևաբար երբեք չի կարող այն դեպքը պատահել, որ նա որպես գնորդ հանդես գա, ուրեմն առանց II-ի նախաձեռնության ոսկի նետի սրա մարզի մեջ։ Բայց որչափով որ II-ը նրանից նյութեղեն է գնում, յուր IIc հաստատուն կապիտալը պետք է ոսկենյութեղենի փոխարկի, այնչափով էլ I վ (v)-ի մասը II-ից հետ է հոսում նրա մոտ նույն եղանակով, ինչպես I-ի մյուս կապիտալիստների մոտ. իսկ որչափով որ այս բանը տեղի չի ունենում, նա յուր v-ն ուղղակի յուր արդյունքից է ոսկով փոխարինում։ Բայց այն համամասնությամբ, որով իբրև դրամ կանխավճարված v-ն II-ից հետ չի հոսում նրա մոտ, II-ում արդեն առկա շրջանառության մի մասը (որ I-ից II-ի մոտ հոսած ու I-ին չվերադարձած դրամ է) գանձի է փոխարկվում, և այս պատճառով նրա հավելարժեքի մի մասը չի ծախսվում սպառամիջոցների վրա։ Որովհետև նոր ոսկեհանքարաններ են ձեռք բերվում միշտ, կամ թե հները վերաբացվում են, ուստի I վ-ի կողմից v-ի վրա ծախսելի փողի մի որոշ համամասնությունը միշտ կազմում է նոր ոսկեարտադրությունից առաջ առկա այն դրամաքանակի մասը, որն I վ-ի կողմից սրա բանվորների միջոցով նետվում է II-ի մարզի մեջ և, որչափով որ հիշյալը II-ից չի վերադառնում I վ-ին, նա այստեղ, II-ում, գանձագոյացման տարր է կազմում։

Իսկ ինչ վերաբերում է (I վ) m-ին, ապա I վ-ն այստեղ միշտ կարող է որպես գնորդ հանդես գալ. նա յուր m-ն իբրև ոսկի նետում է շրջանառության մեջ և փոխարենը դուրս է կորզում IIc սպառամիջոցներ. այստեղ ոսկին մասամբ իբրև նյութեղեն է օգտադործվում, ուստի գործում է որպես արտադրողական կապիտալի c հաստատուն բաղադրամասի իսկական տարր. իսկ որչափով որ այս բանը տեղի չի ունենում, նա էլի գանձագոյացման տարր է կազմում իբրև IIm-ի՝ դրամաձևում հարամնացող մաս։ Այստեղից երևում է — նույնիսկ մի կողմ թողնելով հետագայում քննարկելի Iс-ն[24] — թե ինչպես մինչև անգամ պարզ վերարտադրության ժամանակ, չնայած այստեղ բառի բուն իմաստով կուտակումը, այսինքն ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը բացառված է, ընդհակառակը, դրամամբարելն ու գանձագոյացումն անհրաժեշտորեն ներառված են նրա մեջ։ Եվ որովհետև այս բանն ամեն տարի նորից կրկնվում է, ապա սրանով ահա բացատրվում է այն ենթադրությունը, որից չվեցինք կապիտալիստական արտադրությունը հետազոտելիս, այն է՝ թե վերարտադրության սկսվելու ժամանակ I ու II կապիտալիստների դասակարգերի ձեռին գտնվում է դրամամիջոցների՝ ապրանքափոխանակությանը համապատասխանող մի քանակ։ Այսպիսի ամբարում տեղի ունենում է շրջանառու դրամի մաշվածքի հետևանքով կորչող ոսկին հաշվից հանելուց հետո էլ հենց։

Ինքնըստինքյան հասկանալի է, թե որքան ավելի է մեծացած լինում կապիտալիստական արտադրության տարիքը, այնքան ավելի մեծ է ամեն կողմից կուտակված դրամամասսան, հետևաբար այնքան ավելի փոքր է այն համամասնությունը, որ տարեկան նոր ոսկեարտադրությունն ավելացնում է այս քանակի վրա, թեև այս հավելուրդն ըստ յուր բացարձակ քանակի կարող է շատ նշանավոր լինել։ Լոկ մի անգամ էլ դեռ վերադառնանք ընդհանրապես այն առարկությանը, որ արված է Տուկի դեմ, թե ի՞նչպես է հնարավոր, որ ամեն մի կապիտալիստ տարեկան արդյունքից մի հավելարժեք կորզի դրամաձևով, այսինքն ավելի շատ փող դուրս քաշի շրջանառությունից, քան նետում է սրա մեջ, քանի որ վերջին հաշվով հենց կապիտալիստների դասակարգն ինքը պետք է այն աղբյուրը նկատվի, որն առհասարակ դրամ է նետում շրջանառության մեջ։

Ամփոփելով ավելի առաջ արդեն շարադրածներս (գլուխ XVII), մենք սրա վերաբերմամբ նշում ենք.

1) Այստեղ պահանջվող միակ ենթադրությունը, թե ընդհանրապես բավականաչափ դրամ առկա է լինում՝ տարեկան վերարտադրության մասսայի տարբեր տարրերը փոխանակելու համար,— ամենևին չի խարխլվում նրանով, որ ապրանքարժեքի մի մասը հավելարժեքից է կազմված։ Եթե ենթադրենք, որ ամբողջ արտադրությունը պատկանում է հենց բանվորներին իրենց, ուրեմն սրանց հավելաշխատանքը հավելաշխատանք է հենց միմիայն իրենց համար ու ոչ թե կապիտալիստների համար, ապա շրջանառող ապրանքարժեքի մասսան միևնույնը կլիներ, և, այլ անփոփոխ հանգամանքներում, սրա շրջանառության համար միևնույն դրամաքանակը կպահանջվեր։ Այսպիսով ուրեմն, երկու դեպքում էլ այն հարցն է տրվում լոկ, թե այս ամբողջ ապրանքարժեքը փոխանակելու համար անհրաժեշտ դրամը ո՞րտեղից է առաջ գալիս, ու ոչ երբեք այն հարցը, թե հավելարժեքի դրամացման համար անհրաժեշտ փողը ո՞րտեղից է ստացվում։

Մի անգամ էլ այս նյութին վերադառնալով՝ ասենք, որ ամեն մի առանձին ապրանք անշուշտ կազմված է c + v + m-ից, է ուրեմն ամբողջ ապրանքամասսայի շրջանառությանն անհրաժեշտ է մի կողմից՝ մեկ որոշ դրամագումար c + v կապիտալի շրջանառության համար, ու մյուս կողմից՝ մի ուրիշ դրամագումար էլ՝ կապիտալիստների հասույթի, m հավելարժեքի շրջանառության համար։ Ինչպես առանձին կապիտալիստների, այնպես էլ ամբողջ դասակարգի համար այն փողը, որով նա կապիտալ է կանխավճարում, տարբեր է այն փողից, որով նա հասույթն է ծախսում։ Ո՞րտեղից է այս վերջին փողը։ Պարզապես նրանից, որ կապիտալիստների դասակարգի ձեռին գտնվող դրամամասսայի, ուրեմն ընդհանրապես ու ամբողջությամբ առած հասարակության մեջ գտնվող ամբողջ դրամաքանակի մի մասն էլ որ շրջանառության մեջ է դնում կապիտալիստների հասույթը։ Մենք վերևում արդեն տեսանք, թե ինչպես մեկ նոր ձեռնարկություն հիմնող ամեն մի կապիտալիստ այն փողը, որ նա յուր ապրուստի համար սպառամիջոցների վրա է ծախսում, իբրև յուր հավելարժեքի դրամացմանը ծառայող փող էլի հետ է ճանկում, երբ յուր ձեռնարկությունն արդեն բանի է ընկնում։ Բայց ընդհանրապես ասած՝ ամբողջ դժվարությունը երկու աղբյուրից է առաջ գալիս։

Առաջին. եթե մենք քննում ենք սոսկ կապիտալի շրջանառությունն ու շրջապտույտը, հետևաբար կապիտալիստին էլ միմիայն իբրև կապիտալի անձնավորում — ոչ որպես կապիտալիստական սպառորդ ու խրախճանասեր — ապա թեև տեսնում ենք, որ նա միշտ հավելարժեքը շրջանառության մեջ նետում է իբրև յուր ապրանքակապիտալի բաղադրամաս, բայց երբեք փողը չենք տեսնում նրա ձեռին որպես հասույթի ձև. մենք երբեք չենք տեսնում, որ նա շրջանառության մեջ դրամ նետի հավելարժեքն սպառելու նպատակով։

Երկրորդ. եթե կապիտալիստների դասակարգը մի հայտնի դրամագումար շրջանառության մեջ նետում է հասույթի կերպարանքով, ապա թվում է, թե նա մի համարժեք է վճարում տարեկան ամբողջ արդյունքի այս մասի համար, և սրա հետևանքով հիշյալ մասը դադարում է հավելարժեք ներկայացնելուց։ Բայց հավելարդյունքը, որում ներկայանում է հավելաշխատանքը, կապիտալիստների դասակարգի վրա ոչինչ չի նստում։ Իբրև դասակարգ նա հավելարդյունքին տիրանում և այս վայելում է ձրի, և դրամաշրջանառությունը ոչինչ չի կարող փոխել նրանում։ Դրամաշրջանառության գլուխ բերած փոփոխությունը պարզապես այն է, որ ամեն մի կապիտալիստ յուր հավելարդյունքն in natura [բնեղեն կերպարանքով] սպառելու փոխարեն, որ մեծ մասամբ սկի հնարավոր էլ չի, յուր կողմից յուրացված հավելարժեքի գումարի չափով ամեն տեսակի ապրանքներ տարեկան հասարակական հավելարդյունքի ընդհանուր մասսայից է կորզում և յուրացնում։ Բայց շրջանառության մեխանիզմը ցույց տվեց, որ եթե կապիտալիստների դասակարգը շրջանառության մեջ փող է նետում հասույթը ծախսելու համար, նույն այս փողը նա էլի դուրս է կորզում շրջանառությունից և այսպիսով նա միշտ կարող է միևնույն պրոցեսը նորից սկսել. որ հետևաբար նա, որպես կապիտալիստների դասակարգ քննած, առաջվա պես յուր տիրության տակ ունենում է հավելարժեքի դրամացման համար անհրաժեշտ այս դրամագումարը։ Ուրեմն եթե կապիտալիստը ոչ միայն յուր հավելարժեքն է ապրանքների ձևով դուրս կորզում ապրանքաշուկայից՝ յուր սպառաֆոնդի համար, այլև միաժամանակ նրա մոտ է հետ հոսում այն դրամը, որով նա գնում է այս ապրանքները, ապա ակներև է, որ նա ապրանքներն առանց համարժեքի է կորզած լինում շրջանառությունից։ Սրանք նրա վրա ոչինչ չեն նստում, թեև նա սրանց համար փող է վճարում։ Եթե ես մի ֆունտ ստերլինգով ապրանքներ եմ գնում, իսկ ապրանքի վաճառորդը ֆունտ ստերլինգը վերադարձնում է ինձ հավելարդյունքի դիմաց, որն ինձ վրա ոչինչ չի նստել, պարզ է, որ ես ապրանքները ձրի եմ ստացած լինում։ Այս գործառնության մշտական կրկնությունը բոլորովին չի փոխում այն հանգամանքի էությունը, որ ես միշտ ապրանքներ եմ դուրս կորզում և իմ տիրության տակ միշտ ֆունտ ստերլինգ եմ ունենում, թեև անցողակի հրաժարվում եմ սրանից՝ ապրանքներ ստանալու կապակցությամբ։ Կապիտալիստը միշտ հետ է ստանում այս փողն իբրև դրամացում հավելարժեքի, որը նրա վրա ոչինչ չի նստել։

Մենք տեսանք, որ Ա. Սմիթի մոտ հասարակական ամբողջ արդյունարժեքը տրոհվում է հասույթի, v + m-ի, որ ուրեմն հաստատուն կապիտալարժեքը դրվում է հավասար զրոյի։ Սրանից հետևում է անհրաժեշտորեն, որ տարեկան հասույթի շրջանառության համար պահանջված փողը բավական է տարեկան ամբողջ արդյունքի շրջանառության համար էլ, որ հետևաբար, մեր դեպքում, 3 000-անոց արժեք ունեցող սպառամիջոցների շրջանառության համար անհրաժեշտ դրամը բավականացնում է 9 000-անոց արժեք ունեցող տարեկան ամբողջ արդյունքի շրջանառության համար։ Սա է Ա. Սմիթի հայացքն իրոք, և սա կրկնվում է Թ. Տուկի կողմից։ Այս սխալ պատկերացումն այն հարաբերության մասին, որ հասույթի դրամացման համար պահանջվող դրամամասսան ունի հասարակական ամբողջ արդյունքը շրջանառության մեջ դնող դրամամասսայի նկատմամբ, անհրաժեշտ հետևանքն է չհասկացված, անմտորեն պատկերացված այն կերպի ու եղանակի, որով տարեկան ամբողջ արդյունքի տարբեր ու նյութական արժետարրերը վերարտադրվում և փոխարինվում են ամեն տարի։ Ուստի այն հայացքն արդեն հերքված է։

Լսենք հենց Սմիթին ու Տուկին իրենց։

Սմիթն առում է, Book II, Ch. 2. «Ամեն մի երկրի շրջանառություն կարող է բաժանվել երկու մասի — առևտրականների միջև կատարվող շրջանառություն և առևտրականների ու սպառորդների միջև կատարվող շրջանառություն։ Թեև միևնույն ստակները, թուղթ կամ թե մետաղ, կարող են երբեմն մեկ շրջանառության մեջ գործածվել ու երբեմն էլ՝ մյուս, սակայն և այնպես երկուսն էլ շարունակ կողք կողքի են ընթանում միաժամանակ և ուրեմն երկսից յուրաքանչյուրն էլ այս կամ այն տեսակի փողի մի որոշ քանակի կարիք ունի՝ գործընթացքի մեջ մնալու համար։ Տարբեր առևտրականների միջև շրջանառող ապրանքների արժեքը երբեք չի կարող գերազանցել առևտրականների ու սպառորդների միջև շրջանառող ապրանքների արժեքից, որովհետև ինչ էլ որ գնեն առևտրականները, վերջիվերջո էլի սպառորդներին պիտի ծախվի։ Որովհետև առևտրականների միջև տեղի ունեցող շրջանառությունն en gros [մեծաքանակ, խոշոր քանակներով] է կատարվում, նա ընդհանրապես մի բավական խոշոր գումար է պահանջում ամեն մի առանձին փոխանակության համար։ Իսկ ընդհակառակը, առևտրականների ու սպառորդների տեղի ունեցող շրջանառությունը մեծ մասամբ en detail [փոքրաքանակ, պստիկ քանակներով] է կատարվում և հաճախ լոկ շատ փոքր դրամագումարներ է պահանջում — մի շիլլինգը կամ թե երբեմն նույնիսկ կես պեննին բավական է լինում։ Բայց մանր գումարները շատ ավելի արագ են շրջանառում, քան խոշորները... Ուստի թեև բոլոր սպառորդների տարեկան գնումներն ըստ արժեքի առնվազն (լա՜վ է այս «առնվազն»-ը) հավասար են բոլոր առևտրականների գնումներին, սակայն և այնպես նրանք ընդհանուր առմամբ կարող են շատ ավելի փոքր մի դրամամասսայով կատարվել» և այլն։

Ադամի այս հատվածի վերաբերմամբ Թ. Տուկը նկատում է («An Inquiry into the Currency Principle». London 1844, p. 34—36 passim). «Ոչ մի կասկած չի կարող լինել, որ այստեղ սահմանված այս տարբերությունն ըստ էության ճիշտ է... Առևտրականների ու սպառորդների միջև կատարվող փոխանակությունը յուր մեջ պարփակում է նաև վճարումն աշխատավարձի, որը կազմում է սպառորդների գլխավոր եկամուտը (the principal means)... Առևտրականի ու առևտրականի միջև տեղի ունեցող բոլոր փոխանակությունները, այսինքն այն բոլոր վաճառքները, որոնք կատարվում են՝ արտադրողներից ու ներմուծորդներից սկսած, մանուֆակտուրայի և այլոց միջնակա պրոցեսների բոլոր աստիճանավորումներից անցնելով և մանրածախ առևտրականով ու արտահանորդ վաճառականով վերկացրած, կարող են հանգեցվել կապիտալափոխանցման շարժումների։ Բայց կապիտալափոխանցումներն անհրաժեշտորեն չեն ենթադրում և իրականում իրենց հետ իսկապես չեն բերում նաև այն, որ փոխանակությունների խոշոր բազմության դեպքում փոխանցման ժամանակ բանկտոմսերի կամ թե ստակների մի իսկական փոխհանձնում կատարվի — ես նկատի ունեմ մի նյութական ու ոչ թե ֆիկտիվ փոխհանձնում... Առևտրականների ու առևտրականների միջև տեղի ունեցող փոխանակությունների ընդհանուր գումարը վերջին հաշվով պետք է որոշվի և սահմանափակվի առևտրականների ու սպառորդների միջև կատարվող փոխանակությունների գումարով։»

Եթե այս վերջին դրույթը մեկուսացած լիներ, ապա կարելի էր կարծել, որ Տուկը սոսկ հավաստում է, թե մի համամասնություն կա առևտրականի՝ առևտրականի հետ կատարած և առևտրականի՝ սպառորդի հետ կատարած փոխանակությունների միջև, ուրիշ խոսքով՝ տարեկան ամբողջ հասույթի արժեքի ու այն կապիտալի արժեքի միջև, որով հասույթն է արտադրվում։ Սակայն սա այսպես չի։ Տուկը որոշակի դավանում է Ա. Ամիթի ըմբռնումը։ Ուստի շրջանառության նրա թեորիայի մի հատուկ քննադատությունն ավելորդ է։

2) Ամեն մի արդյունաբերական կապիտալ, երբ ինքը նոր է սկսում գործել, յուր ամբողջ հիմնական բաղադրամասի համար միանգամից է շրջանառության մեջ փող նետում, որը լոկ աստիճանաբար մի շարք տարիների ընթացքում է կրկին դուրս կորզում՝ յուր տարեկան արդյունքը ծախելով։ Հետևաբար նա սկզբում ավելի շատ է փող նետում շրջանառության մեջ, քան սրանից դուրս է կորզում։ Այս կրկնվում է ամեն մի անգամ՝ ամբողջ կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] նորացնելիս. այս կրկնվում է յուրաքանչյուր տարի՝ այն ձեռնարկությունների մի որոշ թվի համար, որոնց հիմնական կապիտալը պետք է նորացվի in natura [բնեղեն կերպարանքով] մասնակիորեն այս կրկնվում է հիմնական կապիտալի ամեն մի վերանորոգման, ամեն մի լոկ մաս-մաս նորացման ժամանակ։ Այսպիսով ուրեմն, եթե մի կողմն ավելի շատ է դրամ կորզում շրջանառությունից, քան նետել էր նրա մեջ, ապա մյուս կողմն ընդհակառակն է անում։

Բոլոր արդյունաբերաճյուղերում, որոնց արտադրապարբերաշրջանը (իբրև աշխատապարբերաշրջանից տարբեր պարբերաշրջան) մի ավելի երկար ժամանակ է ընդգրկում, սրա ընթացքում կապիտալիստական արտադրողների կողմից միշտ փող է նետվում շրջանառության մեջ, մասամբ կիրառված աշխատույժը վճարահատուցելու համար, մասամբ էլ գործաարտադրամիջոցներ գնելու համար. այսպիսով ապրանքաշուկայից կորզում են արտադրամիջոցներ ուղղակի ճանապարհով, սպառամիջոցներ՝ մասամբ անուղղակի Ճանապարհով, իրենց աշխատավարձը ծախսող բանվորների միջոցով, մասամբ էլ ուղղակի ճանապարհով, իրենց սպառումն ամենևին չկախակայող կապիտալիստների միջոցով հենց, երբ միաժամանակ այս կապիտալիստները նախապես ապրանքների ձևով ոչ մի համարժեք նետած չեն լինում շուկա։ Նրանց կողմից շրջանառության մեջ նետված փողն այս պարբերաշրջանի ընթացքում ծառայում է ապրանքարժեքը, incl. [ներառյալ] նրանում պարունակված հավելարժեքը դրամացնելու համար։ Զարգացած կապիտալիստական արտադրության մեջ այս մոմենտը շատ նշանավոր է լինում բաժնետիրական ընկերությունների և այլոց գլուխ բերած այնպիսի երկարաշունչ ձեռնարկությունների դեպքում, ինչպիսիք են երկաթուղիների, ջրանցքների, նավաշինարանների, քաղաքային մեծ շենքերի կառուցումը, երկաթանավաշինարարությունը, գետնի ցամաքուրդը խոշոր ծավալով և այլն։

3) Մինչդեռ մյուս կապիտալիստները — մի կողմ թողած այն ծախսումը, որ անում են հիմնական կապիտալի վրա — դուրս են կորզում շրջանառությունից ավելի շատ փող, քան նրանք աշխատույժն ու շրջանառու տարրերը գնելիս նետել էին շրջանառության մեջ, ոսկի ու արծաթ արտադրող կապիտալիստները — մի կողմ թողած այն ազնիվ մետաղը, որ իբրև հումք է ծառայում — լոկ փող են նետում շրջանառության մեջ, այնինչ դուրս են կորզում միմիայն ապրանքներ։ Հաստատուն կապիտալը, բացի մաշվածքամասից, փոփոխուն կապիտալի ավելի մեծ մասն ու ամբողջ հավելարժեքը, նրանց սեփական ձեռքում դիպվածորեն կուտակված գանձից զատ, շրջանառության մեջ են նետվում իբրև դրամ։

4) Մի կողմից՝ որպես ապրանքներ շրջանառում են իրոք ամեն տեսակի իրեր, որոնք ընթացիկ տարում չեն արտադրվել — հողամասեր, տներ և այլն, հետո՝ այնպիսի արդյունքներ, որոնց արտադրապարբերաշրջանը մի տարուց դենն է տարածվում — անասուն, փայտեղեն, գինի և այլն։ Այս և ուրիշ երևույթների վերաբերմամբ կարևոր է հավաստել, որ անմիջական շրջանառության համար պահանջված դրամագումարից զատ, մի որոշ քանակ միշտ գտնվում է ներթաքուն, չգործող վիճակում, և սա տվյալ զարկի դեպքում կարող է գործունեության մեջ մտնել։ Այս էլ կա, որ այսպիսի արդյունքների արժեքը հաճախ մաս-մաս ու աստիճանաբար է շրջանառում, ինչպես տների արժեքը հանձին մի շարք տարիների վարձի։

Մյուս կողմից՝ վերարտադրապրոցեսի ոչ բոլոր շարժումներն են դրամաշրջանառությամբ միջնորդագործվում։ Ամբողջ արտադրապրոցեսը, հենց որ նրա տարրերն արդեն հայթայթված են, բացառվում է դրամաշրջանառությունից։ Այնուհետև, բացառվում է ամեն արդյունք, որ արտադրողն ինքն է անմիջաբար էլի սպառում,— անհատորեն, թե արտադրողաբար, միևնույն է,— և այս շարքին պատկանում է գյուղական բանվորների բնապարենավորումն էլ։

Ուրեմն այն դրամամասսան, որով շրջանառության մեջ է դրվում տարեկան արդյունքը, հասարակության մեջ առկա է արդեն, աստիճանաբար կուտակված է։ Նա այս տարվա արժեքային արդյունքին չի պատկանում, եթե հաշվի չառնենք մաշված ստակներին փոխարինող ոսկին։

Այս շարադրանքի ժամանակ ենթադրվում է բացառապես ազնիվ մետաղադրամի շրջանառություն, իսկ սրա ժամանակ էլ կանխիկ առուծախերի ամենահասարակ ձևը, թեև սոսկական մետաղաշրջանառության պատվանդանի վրա փողը կարող է իբրև վճարամիջոց էլ գործել և պատմականորեն հենց այսպես էլ գործել է իրոք, իսկ այս պատվանդանի վրա զարգացել են մի վարկային սիստեմ ու սրա մեխանիզմի որոշ կողմերը։

Այս ենթադրությունն արվում է ոչ սոսկ մեթոդաբանական նկատառումներով, որոնց կշիռը երևան է գալիս հենց արդեն այն հանգամանքի մեջ, որ ինչպես Տուկն ու յուր դպրոցը, այնպես էլ սրանց հակառակորդներն իրենց հակաճառությունների ժամանակ միշտ հարկադրված էին բանկնոտաշրջանառությունը հետազոտելիս էլի զուտ մետաղյա շրջանառության վարկածին վերադառնալու և սրանից կառչելու։ Նրանք ստիպված էին այս բանն անելու post festum [իրողությունից հետո, հետագայում, հետին թվով], բայց այն ժամանակ այս արին շատ մակերևութորեն, և իհարկե անհրաժեշտաբար, որովհետև ելակետն այսպիսով լոկ մեկ միջնադեպային կետի դեր է խաղում վերլուծության մեջ։

Բայց յուր բնաճուն ձևով պատկերացված դրամաշրջանառության ամենապարզ քննարկումը իսկ այս դրամաշրջանառությունն է այստեղ տարեկան վերարտադրապրոցեսի ներհատուկ մոմենտը — ցույց է տալիս հետևյալը.

ա) Զարգացած կապիտալիստական արտադրություն, ուրեմն վարձու աշխատանքի սիստեմի տիրապետություն ենթադրելիս՝ ակներև է, որ դրամակապիտալը մի գլխավոր դեր է խաղում, որչափով որ նա է այն ձևը, որով կանխավճարվում է փոփոխուն կապիտալը։ Այն չափով, որով վարձու աշխատանքի սիստեմն է զարգանում, ամեն արդյունք փոխարկվում է ապրանքի, հետևաբար — մի քանի կարևոր բացառությունները չհաշված — պետք է ամբողջովին անցնի դրամի փոխարկվելու փուլով իբրև յուր շարժման մի փուլով։ Շրջանառող փողի քանակը պետք է բավարար լինի ապրանքների այս դրամացման համար, և այս քանակի ամենամեծ մասը մատակարարվում է աշխատավարձի ձևով, այն փողի ձևով, որն իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև՝ արդյունաբերական կապիտալիստների կողմից կանխավճարվելով աշխատավարձի վճարման համար — յուր մեծ մասով — բանվորների ձեռին գործում է լոկ որպես շրջանառության միջոց (գնելամիջոց)։ Սա ամբողջովին հակադրություն է բնատնտեսության նկատմամբ, որը գերակշռում է կախման ամեն մի սիստեմի (ճորտությունն էլ ներառյալ) պատվանդանի ժամանակ ու է՛լ ավելի՝ շատ կամ թե քիչ նախնական համայնքների ժամանակ, զուգորդված լինեն սրանք կախման հարաբերություններով, թե ստրկության հարաբերություններով, միևնույն է։

Ստրկության սիստեմում այն դրամակապիտալը, որը ծախսվում է աշխատույժը գնելու վրա, հիմնական կապիտալի դրամաձևի դերն է խաղում, դրամակապիտալի, որը փոխհատուցվում է լոկ աստիճանաբար, ստրկի գործուն կենսապարբերաշրջանի անցնել-գնալուց հետո։ Ուստի աթենացիների մոտ այն շահույթն էլ, որ մի ստրկատեր կորզում է ուղղակի՝ յուր ստրուկների արդյունաբերական կիրառման միջոցով, կամ թե անուղղակի՝ նա ստրուկներին արդյունաբերական ուրիշ կիրառողների վարձու տալով (հանքարաններում աշխատելու համար),— կանխավճարած դրամակապիտալի լոկ տոկոս է նկատվում (շիջուցման հետ միասին), ճիշտ ինչպես որ կապիտալիստական արտադրության մեջ արդյունաբերական կապիտալիստը հավելարժեքի մի կտորը, պլյուս հիմնական կապիտալի մաշվածքը որպես յուր հիմնական կապիտալի տոկոս ու փոխհատուցում է հաշվի դնում. այնպես, ինչպես որ այս հենց առհասարակ կանոն է այն կապիտալիստների մոտ, որոնք հիմնական կապիտալ (շենքեր, մեքենաներ և այլն) են վարձու տալիս։ Սոսկ տնային ստրուկները, սպասավորելիս լինեն սրանք անհրաժեշտ ծառայություններ կատարելու համար, թե լոկ պերճանքը ցուցադրելու համար, միևնույն է,— ուշադրության չեն առնվում այստեղ. նրանք համապատասխանում են մեր սպասավոր դասակարգին։ Բայց ստրկության սիստեմն էլ — որչափով որ սա երկրագործության, մանուֆակտուրայի, նավային գործի և այլոց մեջ արտադրողական աշխատանքի տիրապետող ձևն է, ինչպես որ էր Հունաստանի զարգացած պետություններում ու Հռոմում — բնատնտեսության մի տարր է պահում յուր մեջ։ Հենց ստրկաշուկան ինքը յուր աշխատույժ-ապրանքի առաջարկվող մասսան միշտ ստանում է պատերազմի, ծովահենության և այլոց միջոցով, և այս հափշտակությունը յուր հերթին կատարվում է ոչ թե շրջանառության մի պրոցեսի միջոցով, այլ ուղղակի ֆիզիկական բռնությամբ ուրիշի աշխատույժը բնեղեն կերպարանքով յուրացնելով։ Նույն իսկ Միացյալ Նահանգներում այն բանից հետո, երբ վարձու աշխատանք կիրառող հյուսիսային նահանգների ու ստրուկներ բանեցնող հարավային նահանգների արանքում ընկած միջնամարզը դարձավ ստրկաբուծության մի մարզ հիշյալ հարավի համար, որտեղ ուրեմն ստրկաշուկա նետված հենց ստրուկներն իրենք տարեկան վերարտադրության մի տարր էին դարձել, այս չէր բավականացնում ավելի երկար ժամանակվա համար, այլ, ընդհակառակը, կարելվույն չափ դեռ երկար շարունակվում էր աֆրիկյան ստրկավաճառքը՝ շուկայի թերին լրացնելու համար։

բ) Կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա տարեկան արդյունքի փոխանակման ժամանակ դրամի՝ բնաճունորեն կատարվող տարհոսումներն ու հետհոսումները, հիմնական կապիտալների՝ իրենց ամբողջ արժեծավալով արվող միանվագ կանխավճարումներն ու նրանց արժեքի՝ բազմամյա պարբերաշրջաններ ընդգրկող հաղորդական դուրսկորզումները շրջանառությունից, ուրեմն նրանց աստիճանական վերականգնումը դրամաձևով տարեկան գանձագոյացման միջոցով, մի գանձագոյացում, որը յուր էությամբ բոլորովին տարբեր է սրան զուգահեռ ընթացող ու ամենամյա նոր դրամարտադրության վրա խարսխվող գանձագոյացումից. այն ժամանակի տարբեր երկարությունը, որի համար փող է կանխավճարվում՝ ապրանքների արտադրապարբերաշրջանների երկարության համեմատ, հետևաբար առաջուց էլ արդեն պետք է միշտ փող գանձացվի նորից՝ նախքան ապրանք ծախելով շրջանառությունից դրամ հետկորզել կարողանալը. կանխավճարման ժամանակի տարբեր երկարությունը, որն առաջ է գալիս հենց արդեն նրանից, որ արտադրավայրը տարբեր հեռավորություն է ունենում վաճառաշուկայից. նույնպես էլ հետհոսման մեծության ու պարբերաշրջանի տարբերությունը, նայած այն վիճակին, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հարաբերական մեծությանը, որ արտադրապաշարներն ունեն տարբեր ձեռնարկություններում ու միևնույն ձեռնարկաճյուղի զանազան առանձին կապիտալիստների մոտ, ուրեմն հաստատուն կապիտալի տարրերի գնումների տարբեր ժամկետները — և այս ամենը վերարտադրության տարում. բնաճուն շարժման բոլոր այս տարբեր մոմենտները կարիք ունեն նկատվելու և ուշադրության առնվելու սոսկ փորձով, որպեսզի հնարավոր լինի պլանաչափորեն թե վարկասիստեմի մեքենական օժանդակ միջոցներն օգտագործել և թե վարկատրելի առկա կապիտալներն իսկապես ճանկել։

Սրան ավելանում է դեռ տարբերությունն այնպիսի ձեռնարկությունների, որոնց արտադրությունը նորմալ պայմաններում կատարվում է շարունակաբար միևնույն մասշտաբով, ու այնպիսի ձեռնարկությունների, որոնք տարվա տարբեր պարբերաշրջաններում տարբեր ծավալով են աշխատույժ կիրառում, ինչպես գյուղատնտեսության մեջ։

XIII. ԴԵՍՏՅՈՒՏՏ ԴԵ ՏՐԱՍՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐԱԹԵՈՐԻԱՆ[25]

Իբրև օրինակ այն խառնաշփոթ ու միաժամանակ նաև պարծենկոտ անմտածվածության, որ քաղաքատնտեսները ցուցաբերում են հասարակական վերարտադրությունը քննարկելիս, կծառայի մեծ տրամաբան Դեստյուտտ դե Տրասին (հմմտ. I գիրք, էջ 146, 30-րդ ծանոթագրություն[26], որին մինչև անգամ Ռիկարդոն է լուրջ ընդունում և անվանում a very distinguished writer։ [շատ երևելի գրող] («Principles», p. 333.)

Այս distingairte [երևելի] հեղինակը հետևյալ մեկնություններն է տալիս հասարակական ամբողջ վերարտադրապրոցեսի ու շրջանառության պրոցեսի վերաբերմամբ.

«Ինձնից կհարցնեն, թե այս արդյունաբերական ձեռնարկություններն ի՛նչպես են այնքան խոշոր շահույթներ ստանում և ումնի՛ց կարող են կորզել այն։ Ես պատասխանում եմ, որ նրանք այս անում են՝ իրենց ամեն արտադրածն ավելի թանգ ծախելով, քան նրանց վրա նստած է լինում հիշյալն արտադրելը, և որ նրանք այս ծախում են

1) միմյանց՝ իրենց սպառման այն ամբողջ մասի համեմատ, որը նախանշված է նրանց պահանջմունքների բավարարման համար, որը նրանք վճարահատուցում են իրենց շահույթների մի մասով.

2) ծախում են վարձու բանվորներին, թե՛ նրանց, որոնց իրենք են վարձած լինում, ու թե՛ նրանց, որոնց վարձում են պարապ կապիտալիստները. այս ճանապարհով նրանք հիշյալ վարձու բանվորներից հետ են ստանում սրանց ամբողջ աշխատավարձը, բացի սրանց մանր խնայություններից թերևս.

3) ծախում են պարապ կապիտալիստներին, որոնց նրանք վճարահատուցում են իրենց հասույթի այն մասով, որը դեռ չեն տվել անմիջաբար իրենց բանեցրած վարձու բանվորներին. այնպես որ այն ամբողջ ռենտան, որ արդյունաբերողներն ամեն տարի վճարում են պարապ կապիտալիստներին, այս կամ թե այն ճանապարհով էլի հետ է հոսում արդյունաբերողների մոտ։» (Destutt de Tracy «Traité de la volonté et de ses effets». Paris 1821, p. 239.)

Այսպես ուրեմն կապիտալիստները հարստանում են նախ նրանով, որ նրանք բոլորը փոխադարձորեն շահվում են հավելարժեքի այն մասը փոխանակելիս, որը նրանք իրենց մասնավոր սպառմանն են հատկացնում կամ իբրև հասույթ ծախսում։ Հետևաբար եթե նրանց հավելարժեքի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] նրանց շահույթների այս մասը = է 400 £-ի, ապա այս 400 £-ը նրանով է դառնում, ասենք, 500 £, որ 400 £-ի ամեն մի տիրակից 25%-ով ավելի թանգ է ծախում յուր մասը մյուսներին։ Որովհետև բոլորն էլ նույն այս բանն են անում, ապա հետևանքը միևնույն է լինում, որպիսին կլիներ, եթե նրանք ապրանքներն իրար ծախեին իսկական արժեքի համաձայն։ Միայն թե 400-անոց մեկ ապրանքարժեքի շրջանառության համար նրանք հիմա կարիք ունեն 500 £-անոց մի դրամամասսայի, իսկ այս, ավելի շուտ, աղքատանալու քան թե հարստանալու մի մեթոդ է ներկայանում, որովհետև նրանք ստիպված են իրենց ամբողջ կարողության մի խոշոր մասն անարտադրողաբար պահելու շրջանառության միջոցների անօգտակար ձևում պարուրված։ Այս ամբողջը հանգում է այն բանին, որ կապիտալիստների դասակարգը, չնայած իրենց ապրանքների հանրակողմանի անվանական գնաբարձրացմանը, յուր մասնավոր սպառման համար լոկ 400 £-անոց արժեքի մի ապրանքամասսա ունի իրար միջև բաշխելու, և որ կապիտալիստները սակայն միմյանց փոխադարձ բավականություն են պատճառում՝ 400 £-անոց ապրանքարժեքը շրջանառության մեջ դնելու մի այնպիսի դրամաքանակով, որը 300 £-անոց ապրանքարժեքի համար է պահանջվում։

Մենք բոլորովին մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, որ այստեղ Դեստյուտտ դե Տրասին ենթադրել է «նրանց շահույթների մի մաս» և ուրեմն առհասարակ մի ապրանքապաշար, որում շահույթն է ներկայանում։ Բայց չէ՞ որ Դեստյուտտն ուզում է հենց այն բացատրել մեզ, թե որտեղից է առաջ գալիս այս շահույթը։ Իսկ այն դրամաքանակը, որ անհրաժեշտ է շահույթը շրջանառության մեջ դնելու համար, մի բոլորովին ստորադաս հարց է։ Այն ապրանքամասսան, որում շահույթն է ներկայանում, ինչպես բանից երևում է նրանից է ծագում, որ կապիտալիստներն այս ապրանքամասսան ոչ միայն իրար են ծախում — մի բան, որ հենց արդեն այսպես էլ շատ սիրուն ու խոր դրույթ է — այլ բոլորը միմյանց շատ ավելի թանգ են ծախում։ Այսպիսով ուրեմն մենք հիմա գիտենք կապիտալիստների հարստացման մի աղբյուրը։ Սա հանգում է «էնտսպեկտոր Բրեզիգի» այն գաղտնիքին, թե մեծ աղքատությունը ծագում է մեծ pauvreté [տնանկություն]-ից։

2) Միևնույն կապիտալիստներն այնուհետև ծախում են «վարձու բանվորներին, թե՛ նրանց, որոնց իրենք են վարձած լինում, ու թե՛ նրանց, որոնց վարձում են պարապ կապիտալիստները. այս եղանակով նրանք հիշյալ վարձու բանվորներից հետ են ստանում սրանց ամբողջ աշխատավարձը, բացի սրանց մանր խնայություններից։»

Երբ այն դրամակապիտալը, որի ձևով կապիտալիստները բանվորին կանխավճարել են աշխատավարձը, հետ է հոսում կապիտալիստների մոտ, ապա այս հետհոսումն ըստ պարոն Դեստյուտտի կազմում է այսպիսի կապիտալիստների հարստացման երկրորդ աղբյուրը։

Ուրեմն եթե կապիտալիստների դասակարգը բանվորներին որպես աշխատավարձ վճարել է, օրինակ, 100 £, և հետո միևնույն բանվորները նույն կապիտալիստների դասակարգից միևնույն 100 £-անոց արժեքի ապրանք են գնում, և այս պատճառով 100 £-անոց այն գումարը, որ կապիտալիստներն էին կանխավճարել իբրև աշխատույժի գնորդներ, հիմա բանվորներին 100 £-ի ապրանքներ ծախելու ժամանակ հետ է հոսում կապիտալիստների մոտ, ապա կապիտալիստները սրա հետևանքով հարստանում են։ Մարդկային սովորական հասկացողության տեսակետից թվում է, թե կապիտալիստներն այս պրոցեդուրայի միջոցով իրենց տիրության տակ ունեն էլի 100 £, որ ունեին պրոցեդուրայից առաջ էլ։ Պրոցեդուրայի սկզբում նրանք ունեն 100 £ փող. այս 100 £-ով նրանք աշխատույժ են գնում։ Գնված աշխատանքն այս 100 £ փողի դիմաց արտադրում է, որքան մինչև հիմա մենք գիտենք, 100 £-անոց արժեքի ապրանքներ։ 100 £-ի ապրանքները բանվորներին ծախելով կապիտալիստները հետ են ստանում փողը։ Հետևաբար կապիտալիստներն էլի 100 £ փող ունեն, իսկ բանվորները՝ 100 £-ի դիմաց ապրանք, որ հենց իրենք են արտադրել։ Թե կապիտալիստներն ինչպես կարող էին հարստանալ այս դեպքում, սկի չի երևում։ Եթե 200 £ փողը հետ չհոսեր կապիտալիստների մոտ, ապա սրանք բանվորներին նախ՝ 100 £ դրամ վճարած կլինեին նրանց աշխատանքի համար ու երկրորդ՝ պետք է այս աշխատանքի արդյունքը, 100 £-ի սպառամիջոցներ, ձրի տված լինեին նրանց։ Այսպիսով ուրեմն, հետհոսումն, ամենաշատը, կարող էր լոկ այն բացատրել, թե ինչու այս գործառնության հետևանքով կապիտալիստներն ավելի աղքատ չեն դարձել, բայց ոչ երբեք այն, թե ինչու նրա հետևանքով ավելի հարուստ են դարձել։

Մի ուրիշ հարցն էլ այն է անշուշտ, թե այդ ի՛նչպես է, որ կապիտալիստները 100 £ փող ունեն, և թե ինչու բանվորները փոխանակ հենց իրենց սեփական օգտին ապրանքներ արտադրելու՝ ստիպված են իրենց աշխատույժն այս 100 £-ի հետ փոխանակելու։ Բայց սա մի այնպիսի բան է, որ Դեստյուտտի տրամաչափն ունեցող մի մտածողի համար ինքնըստինքյան է հասկանալի։

Դեստյուտտը հենց ինքն էլ լիովին չի բավարարվում այս լուծումով։ Չէ՞ որ նա մեզ չի ասել, թե մարդիկ հարստանում են նրանով, որ 100 £-անոց մի դրամագումար է ծախսում և հետո էլ 100 £-անոց մեկ դրամագումար է դարձյալ հետ ընդունում, հետևաբար 100 £ փողի հետհոսման հետևանքով չի, որ հարստանում են, որովհետև հետհոսումը չէ՞ որ ցույց է տալիս լոկ այն, թե ինչո՛ւ 100 £ փողը չի կորչում։ Դեստյուտտը մեզ ասել է, թե կապիտալիստները հարստանում են «իրենց ամեն արտադրածը ծախելով ավելի թանգ, քան նրանց վրա նստած է լինում հիշյալը գնելը։»

Այսպիսով ուրեմն կապիտալիստները նաև բանվորների հետ ունեցած գործարքների ժամանակ պետք է նրանով հարստանան, որ նրանք ապրանքները շատ ավելի թանգ են ծախում բանվորներին։ Գերազա՜նց։ «Նրանք վճարում են աշխատավարձ... և այս ամենը հետ է հոսում նրանց մոտ՝ այս բոլոր մարդկանց ծախսերի հետևանքով, մարդիկ, որոնք նրանց համար» [արդյունքների համար] «ավելի թանգ են վճարում, քան նրանց վրա» [կապիտալիստների վրա] «նստել էին նրանք այս աշխատավարձի միջոցով։» (p. 240.) Հետևաբար կապիտալիստները 100 £ աշխատավարձ են վճարում բանվորներին, իսկ հետո էլ նրանք բանվորներին ծախում են սրանց սեփական արդյունքը 120 £-ով, այնպես որ ոչ միայն 100 £-ն է հետ հոսում կապիտալիստների մոտ, այլ դեռ 20 £ էլ շահույթ և ստացվում։ Այս անկարելի բան է։ Բանվորները կարող են վճարահատուցել լոկ այն փողով, որ նրանք աշխատավարձի ձևով են ստացել։ Եթե նրանք կապիտալիստներից 100 £ աշխատավարձ են ստանում, նրանք կարող են միմիայն 100 £-ի բան գնել ու ոչ թե 120 £-ի։ Ուրեմն չեղավ, այս եղանակով բան դուրս չի գալիս։ Բայց դեռ մի ուրիշ ճանապարհ էլ կա։ Բանվորները կապիտալիստներից գնում են 100 £-ի ապրանք, իրականում սակայն ստանում են լոկ 80 £-անոց արժեքի ապրանք։ Ուստի նրանք անպայման խաբված են 20 £ չափով։ Իսկ կապիտալիստն անպայման հարստացավ 20 £-ի չափով, որովհետև նա աշխատույժը վճարահատուցեց 20%-ով սրա արժեքից ցած կամ անվանական աշխատավարձից 20%-ի չափով մեկ հանուրդ կատարեց մի կողմնակի ճանապարհով։

Կապիտալիստների դասակարգը միևնույն նպատակին կհասներ, եթե նա հենց այն գլխից բանվորներին միմիայն 80 £ աշխատավարձ վճարեր է հետո էլ այս 80 £ փողի դիմաց իրոք 80 £-ի ապրանքարժեք մատակարարեր։ Ամբողջ դասակարգը նկատի ունենալիս՝ նորմալ ճանապարհն այս է թվում, որովհետև հենց յուր՝ պարոն Դեստյուտտի ասելով էլ բանվոր դասակարգը պետք է «բավարար աշխատավարձ» (p. 219) ստանա, քանի որ այս աշխատավարձն առնվազը պետք է բավականացնի նրա գոյությունն ու գործունակությունը պահպանելու համար, «նրա ամենասեղմ ապրուստը հայթայթելու֊ համար։» (p. 180.) Եթե բանվորներն այս բավարար աշխատավարձը չեն ստանում, ապա սա, ըստ նույն Դեստյուտտի, «արդյունաբերության մահն է» (p. 208), ուրեմն ինչպես հենց երևում է, հարստացման ոչ մեկ միջոց չի կապիտալիստների համար։ Բայց ինչքան էլ որ լինի այն աշխատավարձերի բարձրությունը, որ կապիտալիստների դասակարգը վճարում է բանվորներին, այնուամենայնիվ աշխատավարձերը մի որոշակի արժեք ունեն, օրինակ, 80 £։ Հետևաբար եթե կապիտալիստների դասակարգը բանվորներին 80 £ է վճարում, ապա նա պետք է այս 80 £-ի դիմաց բանվորներին 80 £-ի էլ ապրանքարժեք մատակարարի, և ուրեմն 80 £-ի հետհոսումը չի հարստացնում կապիտալիստների դասակարգին։ Եթե սա բանվորներին փողով 100 £ է վճարում և 100 £-ի դիմաց 80 £-ի ապրանք արժեք է ծախում նրանց, ապա ուրեմն կապիտալիստների դասակարգը բանվորներին փողով 25% ավելի է վճարած լինում, քան նրանց նորմալ աշխատավարձն է, և փոխարենն ապրանքներով 25% ավելի քիչ է մատակարարած լինում նրանց։

Ուրիշ խոսքով՝ այն ֆոնդը, որից առհասարակ յուր շահույթն է կորզում կապիտալիստների դասակարգը, կգոյանար նորմալ աշխատավարձից հանուրդ անելով, աշխատույժը յուր արժեքից ցած վճարահատուցելով, այսինքն այն կենսամիջոցների արժեքից ցած, որոնք անհրաժեշտ են նրա իբրև վարձու բանվորի նորմալ վերարտադրության համար։ Հետևաբար եթե նորմալ աշխատավարձը վճարվեր, մի բան, որ ըստ Դեստյուտտի պիտի հենց այսպես լինի էլ, այն ժամանակ շահույթի ոչ մի ֆոնդ գոյություն չէր ունենա ո՛չ արդյունաբերողների ու ոչ էլ պարապ կապիտալիստների համար։

Այսպիսով ուրեմն այն ամբողջ գաղտնիքը, թե կապիտալիստների դասակարգն ինչպես է հարստանում, պարոն Դեստյուտտը պետք է բերեր, հանգեցներ այս դրույթին, թե կապիտալիստների դասակարգը հարստանում է աշխատավարձից հանուրդ անելու միջոցով։ Այս դեպքում գոյություն չէին ունենա հավելարժեքի մյուս ֆոնդերը, որոնց մասին նա խոսում է համար 1-ի ու համար 3-ի տակ։

Հետևաբար այն բոլոր երկիրներում, որտեղ բանվորների դրամավարձը բերած, հանգեցված է նրանց իբրև դասակարգի ապրուստի համար անհրաժեշտ սպառամիջոցների արժեքին, գոյություն չէր ունենա ոչ մի սպառաֆոնդ ու կուտակման ոչ մի ֆոնդ կապիտալիստների համար, ուրեմն և ոչ մի գոյաֆոնդ կապիտալիստների դասակարգի համար, ուստի չէր լինի կապիտալիստների դասակարգ էլ։ Եվ սա ըստ Դեստյուտտի հենց այսպես էլ կլիներ հին քաղաքակրթության պատկանող բոլոր հարուստ, զարգացած երկիրներում, որովհետև այստեղ «մեր հնուց արմատակալած հասարակություններում այն ֆոնդը, որից ծածկվում է աշխատավարձը, գրեթե հաստատուն մի մեծություն է։» (p. 202.)

Աշխատավարձից հանուրդ անելու դեպքում էլ կապիտալիստների հարստացումը ոչ թե նրանից է առաջ գալիս, որ նրանք բանվորին նախ դրամով 100 £ են վճարում և հետո էլ այս 100 £ փողի դիմաց նրան 80 £ են մատակարարում ապրանքներով — ուրեմն 80 £-ի ապրանքը շրջանառության մեջ դնում են փաստորեն 25%-ով ավելի մեծ, 100 £-անոց դրամագումարով — այլ առաջ է գալիս նրանից, որ կապիտալիստը, բացի հավելարժեքից — արդյունքի այն մասից, որում հավելարժեքն է մարմնացած — բանվորի արդյունքից յուրացնում է արդյունքի այն մասի դեռ 25%-ն, որը պետք է աշխատավարձի ձևով բանվորին բաժին ընկներ։ Այս տխմար եղանակով, ինչպես որ Դեստյուտտն է հասկանում բանը, կապիտալիստների դասակարգը բացարձակապես ոչինչ չէր շահի։ Նա աշխատավարձի համար վճարում է 100 £ իսկ այս 100 £-ի դիմաց բանվորին վերադարձնում է սրա սեփական արդյունքից 80 £-ի ապրանքարժեք։ Բայց հաջորդ գործառնության ժամանակ նա միևնույն պրոցեդուրայի համար էլի պետք է 100 £ կանխավճարի, հետնաբար նա լոկ այն անօգտակար բավականությունն է պատճառում իրեն, որ 100 £ դրամ է կանխավճարում է սրա դիմաց 80 £ ապրանք մատակարարում՝ փոխանակ 80 £ դրամ կանխավճարելու և սրա դիմաց հենց 80 £-ի ապրանք մատակարարելու։ Այսինքն՝ կապիտալիստների դասակարգը յուր փոփոխուն կապիտալի շրջանառության համար միշտ անօգուտ կերպով կանխավճարում և 25%-ով ավելի մեծ մի դրամակապիտալ,— մի բան, որ հարստանալու մեկ բոլորովին յուրահատուկ մեթոդ է։

3) Վերջապես կապիտալիստների դասակարգը յուր արտադրածը ծախում է «պարապ կապիտալիստներին, որոնց նրանք վճարահատուցում են իրենց հասույթի այն մասով, որը դեռ չեն տվել անմիջաբար իրենց բանեցրած վարձու բանվորներին, այնպես որ այն ամբողջ ռենտան, որ արդյունաբերողներն ամեն տարի վճարում են հիշյալներին (պարապ կապիտալիստներին), այս կամ թե այն ճանապարհով էլի հետ է հոսում արդյունաբերողների մոտ։»

Քիչ առաջ մենք տեսանք, որ արդյունաբերական կապիտալիստներն «իրենց շահույթների մի մասով վճարահատուցում են իրենց սպառման այն ամբողջ մասը, որը նախանշված է նրանց պահանջմունքների բավարարման համար։» Ուրեմն ենթադրենք, թե նրանց շահույթները = են 200 £-ի։ Իրենց անհատական սպառման համար նրանք բանեցնում են, օրինակ, 100 £։ Բայց մյուս կեսը, որ = 100 £, պատկանում է ոչ թե նրանց, այլ պարապ կապիտալիստներին, այսինքն հողառենտատերերին ու տոկոսով վարկատրող կապիտալիստներին։ Հետևաբար արդյունաբերական կապիտալիստները պետք է 100 £ փող վճարեն այս խալխին։ Հիմա ասենք, թե այս վերջիններին այս փողից հարկավոր է 80 £ իրենց սեփական սպառման համար ու 20 £ էլ սպասավորներ և այլն վարձելու համար։ Ուրեմն պարապ կապիտալիստները 80 £-ով սպառամիջոցներ են գնում արդյունաբերական կապիտալիստներից։ Սրա հետևանքով սրանց մոտ է հետ հոսում 80 £-ի արդյունքի դիմաց վճարված ու սրանցից հեռացած 80 £ փողը կամ [math]^4/_5[/math]-ն այն 100 £-ի, որ սրանք պարապ կապիտալիստներին էին վճարել ռենտա, տոկոս և այլն անունով։ Հետո, սպասավորների դասակարգը, պարապ կապիտալիստների անմիջական վարձու բանվորները, իրենց աղաներից ստացել են 20 £։ Նրանք սրանով 20 £-ի սպառամիջոցներ են գնում էլի արդյունաբերական կապիտալիստներից։ Սրա հետևանքով սրանց մոտ է հետ հոսում 20 £ արդյունքի դիմաց վճարված ու սրանցից հեռացած 20 £ փողը կամ վերջին մեկ հինգերորդն այն 100 £ դրամի, որ սրանք պարապ կապիտալիստներին էին վճարել իբրև ռենտա, տոկոս և այն։

Գործարքի վերջում այն 100 £ փողը, որ ռենտա, տոկոս և այլն վճարելու համար տրվել էր պարապ կապիտալիստներին, հետ է հոսում արդյունաբերական կապիտալիստների մոտ, այնինչ սրանց հավելարդյունքի կեսը, որ = 100 £-ի, սրանց ձեռից անցել է պարապ կապիտալիստների սպառաֆոնդի մեջ։

Այսպիսով ուրեմն ակներև է, թե այն հարցի համար, որի մասին է խոսքն այստեղ, միանգամայն ավելորդ է որևէ կերպով մեջտեղ խցկել այն հանգամանքը, թե 100 £-ը բաշխվում է պարապ կապիտալիստների ու սրանց անմիջական վարձու բանվորների միջև։ Բանը պարզ է. պարապ կապիտալիստների ռենտաները, տոկոսները, կարճ ասած՝ այն բաժինը, որ սրանց հասնում է հավելարժեքից — սա = է 200 £ — արդյունաբերական կապիտալիստները նրանց վճարում են փողով, 100 £-ով։ Նրանք այս 100 £-ով ուղղակի կամ թե անուղղակի ճանապարհով սպառամիջոցներ են գնում արդյունաբերական կապիտալիստներից։ Հետևաբար նրանք 100 £ փողը հետ են վճարում սրանց և սրանցից 100 £-ի սպառամիջոցներ են կորզում։

Սրանով տեղի է ունեցած լինում արդյունաբերական կապիտալիստների կողմից պարապ կապիտալիստներին վճարված 100 £ փողի հետհոսումը։ Միթե այս դրամահետհոսումը, ինչպես Դեստյուտտն է ցնորաբանում, հարստացման մեկ միջոց է արդյունաբերական կապիտալիստների համար։ Սրանք գործարքից առաջ ունեին 200 £-անոց մի արժեգումար, 100 £ փողով ու 100 £ էլ՝ սպառամիջոցներով։ Գործարքից հետո նրանք ունեն սկզբնական արժեգումարի կեսը միայն։ Նրանք ունեն էլի 100 £ փողով, բայց 100 £-ը նրանք կորցրել են հանձին այն սպառամիջոցների, որոնք անցել են պարապ կապիտալիստների ձեռը։ Հետևաբար նրանք 100 £-ի չափով ավելի աղքատ են՝ փոխանակ 100 £-ի չափով ավելի հարուստ լինելու։ Եթե նրանք այս կողմնակի ճանապարհի փոխարեն, երբ նախ 100 £ դրամ են վճարում և հետո էլ այս 100 £ փողը հետ են ստանում իբրև սպառամիջոցների 100 £-անոց վճարում,— ուղղակի իրենց արդյունքի բնաձևով վճարեին ռենտա, տոկոս և այլն, ապա շրջանառությունից ամենևին 100 £ փող հետ չէր հոսի նրանց մոտ, որովհետև նրանք 100 £ դրամ չէին նետել շրջանառության մեջ։ Բնավճարման դեպքում բանը պարզորեն այնպես կներկայանար, որ նրանք 200 £-ի արժեք ունեցող հավելարդյունքից կեսը պահել են իրենց համար, իսկ մյուս կեսն առանց համարժեքի հանձնել են պարապ կապիտալիստներին։ Մինչև անգամ Դեստյուտտը չէր կարող այս ընթացքն իբրև հարստացման մեկ միջոց հռչակելու փորձությամբ տոգորվել։

Այն հողն ու այն կապիտալը, որ արդյունաբերական կապիտալիստները վարձով վերցրել են պարապ կապիտալիստներից և որի համար նրանք պետք է սրանց վճարեն հավելարժեքի մի մասը հողառենտայի, տոկոսի է այլոց ձևով, իհարկե շահութաբեր էր նրանց համար, որովհետև հիշյալն ինչպես առհասարակ արդյունքի, այնպես էլ արդյունքի այն մասի արտադրության պայմաններից մեկն է, որը հավելարդյունքն է կազմում և որում հավելարժեքն է ներկայանում։ Այս շահույթը բղխում է վարձով տրված հողի ու կապիտալի օգտագործումից, բայց ոչ թե այն գնից, որ վճարվում է նրա համար։ Այս գինն, ընդհակառակը, կազմում է մի հանուրդ շահույթից։ Այլապես հարկ կլիներ պնդել, թե արդյունաբերական կապիտալիստները ոչ թե ավելի հարուստ, այլ ավելի աղքատ են դարձել, եթե նրանք հասվելարժեքի մյուս կեսն էլ կարող էին հենց իրենց համար պահել՝ փոխանակ այս նրանց հանձնելու։ Բայց այսպիսի խառնաշփոթության հասցնում է այն հանգամանքը, երբ շրջանառության այնպիսի երևույթներ, ինչպիսին դրամահետհոսումն է, շփոթում են արդյունքի բաշխման հետ, որը լոկ միջնորգագործվում է շրջանառության այսպիսի երևույթներով։

Եվ սակայն միևնույն Դեստյուտտն այնքան խորամանկ է, որ նկատում է հետևյալը. «ո՞րտեղից են ստացվում այս պարապ մարդկանց հասույթները։ Արդյոք սրանք այն ռենտայից չե՞ն ստացվում, որ իրենց շահույթից վճարում են այն մարդիկ, որոնք առաջինների կապիտալներն են բանեցնում, այսինքն այն մարդիկ, որոնք առաջինների ֆոնդով են վարձատրում մի աշխատանք, որն ավելի է արտադրում, քան ինքը նստում է, մի խոսքով արդյունաբերողները։ Ուստի միշտ հարկ է լինում ահա սրանց վերադառնալ ամեն հարստության աղբյուրը գտնելու համար։ Սրանք են ահա, որ իրականում կերակրում են առաջինների զբաղեցրած վարձու բանվորներին։» (p. 246.)

Այսպիսով ուրեմն, այս ռենտայի և այլոց վճարումն արդյունաբերողների շահույթից արվող մի հանուրդ է հիմա։ Առաջ նա սրանց հարստանալու մեկ միջոց էր։

Բայց մեր Դեստյուտտին մի մխիթարություն դեռ մնացել է։ Այս ղոչաղ արդյունաբերողները պարապ արդյունաբերողների հետ վարվում են այնպես, ինչպես իրար հետ ու բանվորների հետ էին վարվել։ Նրանք բոլոր ապրանքները սրանց ծախում են ավելի թանգ, օրինակ, 20%-ով թանգ։ Արդ, երկու բան է հնարավոր։ Կա՛մ պարապները, բացի այն 100 £-ից, որ սրանք տարեկան ստանում են արդյունաբերողներից, ուրիշ դրամամիջոցներ էլ ունեն, և կամ նրանք չունեն այս։ Առաջին դեպքում արդյունաբերողները նրանց ծախում են 100 £-ի ապրանք ու արժեքներ, ասենք, 120 £ գնով։ Հետևաբար իրենց ապրանքները ծախելու ժամանակ նրանց մոտ հետ է հոսում ոչ թե լոկ այն 100 £-ը, որ իրենք վճարել էին պարապներին, այլ և, սրանից զատ, դեռ 20 £ էլ, որն իրոք նորարժեք է կազմում նրանց համար։ Ի՞նչ դրության մեջ է հիմա հաշիվը։ Նրանք 100 £-ի ապրանք ձրի են տվել, որովհետև այն 100 £-ը, որով մասամբ վճարահատուցվել են ապրանքները, հենց իրենց սեփական փողն էր։ Այսպիսով ուրեմն, իրենց սեփական ապրանքի վճարը նրանց հատուցվել է իրենց սեփական փողով։ Հետևաբար՝ 100 £ կորուստ։ Բայց նրանք սրանից զատ 20 £ էլ ստացել են արժեքից գերազանցող գնի ավելցուկի համար։ Ուրեմն՝ 20 £ շահույթ. սրանով 100 £ կորուստը դառնում է 80 £ կորուստ, սակայն երբեք չի դառնում մի պլյուս, այլ միշտ մնում է մեկ մինուս։ Պարապների գլխին խաղացած խարդախությունը քնացրեց արդյունաբերողների կորուստը, բայց հարստության կորուստը խարդախության պատճառով նրանց համար հո չփոխարկվեց հարստացման միջոցի։ Սակայն այս մեթոդը չի կարող երկար ժամանակ գործադրվել, որովհետև անհնարին բան է, որ պարապները կարողանան տարեկան 120 £ փող վճարել այն ժամանակ, երբ նրանք տարեկան միմիայն 100 £ դրամ են ստանում։

Հիմա ուրեմն մյուս մեթոդը. արդյունաբերողները 80 £ արժեքի ապրանքները ծախում են այն 100 £ փողով, որ իրենք վճարել էին պարապներին։ Այս դեպքում արդյունաբերողներն առաջվա պես ձրի են տալիս 80 £-ը ռենտայի, տոկոսի և այլոց ձևով։ Այս խարդախությամբ նրանք քչացրել են պարապներին վճարվող հարկը, բայց սա առաջվա նման էլի գոյություն ունի, և միևնույն թեորիայի համաձայն, ըստ որի գները վաճառորդների բարի կամքից կախումն ունեն, պարապներն ի վիճակի են իրենց հողի ու կապիտալի համար մինչև այժմ 100 £ պահանջելու փոխարեն հետագայում 120 £ ռենտա, տոկոս և այլն ուզելու։

Այս փայլուն հետազոտությունը միանգամայն արժանավայել է այն խորունկ մտածողի համար, որը մի էջում Ա. Սմիթից արտագրում է, թե «աշխատանքն է ամեն հարստության աղբյուրը» (p. 242), թե արդյունաբերական կապիտալիստներն «իրենց կապիտալը կիրառում են այն աշխատանքը վճարահատուցելու համար, որով նա վերարտադրվում է շահույթով հանդերձ» (p. 246), իսկ մյուս էջում եզրափակում է, թե այս արդյունաբերական կապիտալիստներն են «մնացած բոլոր մարդկանց կերակրում, մենակ նրանք են հանրային կարողությունը շատացնում և վայելքի մեր ամեն միջոցներն ստեղծում» (p. 242), թե ոչ թե բանվորներն են կապիտալիստներին կերակրում, այլ կապիտալիստները՝ բանվորներին, ու այս էլ պնդում է այն ճաճանչափայլ հիմունքով, թե այն փողը, որով վճարահատուցում են բանվորներին, սրանց ձեռին չի մնում, այլ միշտ կապիտալիստներին է վերադառնում իբրև բանվորների արտադրած ապրանքների վճար։ «Բանվորները լոկ մի ձեռքով ընդունում և մյուսով տալիս են հետ։ Ուստի նրանց սպառումը պետք է նկատել իբրև այն մարդկանց առաջ բերած գործ, որոնք վարձում են նրանց։» (p. 235.)

Հասարակական վերարտադրությունն ու սպառումը, ինչպես որ սա միջնոըդագործվում է դրամաշրջանառությամբ, այսպես սպառիչ կերպով շարադրելուց հետո Դեստյուտտը շարունակում է. «Ահա սա է, որ ավարտին է հասցնում հարստության այս perpetuum mobile-ն», [մշտական շարժիչը, հարաշարժ մեխանիզմը] մի շարժում, որը թեև վատ է հասկացված» [mal connu — ճի՜շտ է], բայց իրավամբ է կոչվել շրջանառություն. որովհետև նա իրոք մի շրջապտույտ է և միշտ էլ վերադառնում է յուր ելակետին։ Այս այն կետն է, որտեղ արտադրությունն է կատարվում։» (p. 139, 140.)

Դեստյուտտը, that very distinguished writer, membre de l’Institut de France et de la Société Philosophique de Philadelphie [Այն շատ երևելի հեղինակը, Ֆրանսիայի ինստիտուտի ու Ֆիլադելֆիայի փիլիսոփայական ընկերության անդամը] և որոշ չափով իրոք մի լուսատու՝ գռեհիկ տնտեսագետների մեջ, վերջում ընթերցողներից խնդրում է զարմանալ այն զարմանալի պայծառության առթիվ, որով նա պատկերագրում է հասարակական պրոցեսի ընթացքը, լույսի այն հեղեղի առթիվ, որ նա թափել է առարկայի վրա, և նույնիսկ խոնարհվում, զիջում է՝ ընթերցողներին այն դրույթը հաղորդելու աստիճան, թե որտեղից է ծագում այս ամբողջ լույսը։ Այս պետք է մեջբերվի հենց իսկագրի բառերով.

«On remarquera, j’espère, combien cette manière de considérer la consommation de nos richesses est concordante avec tout ce que nous avons dit à propos de leur production et de leur distribution, et en même temps quelle clarté elle répand sur toute la marche de la société. D’où viennent cet accord et cette lucidité? De ce que nous avons rencontré la vérité. Cela rappelle l’effet de ces miroirs où les objets se peignent nettement et dans leurs justes proportions, quand on est placé dans leur vrai point-de-vue, et où tout paraît confus et désuni. quand on en est trop près on trop loin.» (p. 242, 243. [Հույս ունեմ, որ ուշադրություն կդարձնեն այն բանի վրա, թե մեր հարստությունների սպառման վերաբերյալ այսպիսի հայացքը որքան համերաշխում է այն ամենի հետ, ինչ որ ասվեց նրանց արտադրության ու նրանց բաշխման մասին, և թե իչպիսի պայծառություն է մտցնում այս հայացքը հասարակական ամբողջ շարժման քննարկման մեջ։ Ո՞րտեղից են ստացվում այս ներդաշնակությունն ու այս լույսը։ Նրանք ստացվում են մեր հայտնագործած ճշմարտությունից։ Այս մեզ հիշեցնում է այն հայելիները, որոնք ճշտորեն ու մասերի միջև եղած համամասնությունները պահպանելով պատկերացնում են այն ամենը, ինչ որ դրվում է նրանց առջև պատշաճ տեղում, իսկ այն բոլորը, ինչ որ գտնվում է այս տեղից ավելի մոտ կամ թե ավելի հեռու, խառնշտորում են է ծուռ ու ճապաղ ներկայացնում։»])

Voila le crétinisme bourgeois dans toute sa béatitude! [Ահավասիկ բուրժուական կրետինիզմը յուր բովանդակ երանությամբ։]


ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։[27] ԿՈՒՏԱԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

I գրքում ցույց ենք տվել, թե կուտակումն ինչպես է ընթանում առանձին կապիտալիստի համար։ Ապրանքակապիտալի դրամացման հետևանքով դրամացվում է հավելարդյունքն էլ, որում հավելարժեքն է ներկայանում։ Այս եղանակով դրամ է փոխարկված այս հավելարժեքը կապիտալիստը հետ է փոխարկում յուր արտադրողական կապիտալի ավելադիր բնատարրերին։ Մեծացած կապիտալն արտադրության հետագա շրջապտույտի ժամանակ մատակարարում է մի մեծացած արդյունք։ Բայց այն, ինչ որ կատարվում է անհատական կապիտալի դեպքում, պետք է երևան գա նաև տարեկան ամբողջ վերարտադրության մեջ ճիշտ այնպես, ինչպես պարզ վերարտադրությունը քննարկելիս տեսել ենք, որ — անհատական կապիտալի ժամանակ — սրա գործածած հիմնական բաղադրամասերի՝ որպես գանձացվող դրամ հաջորդաբար սկել, տակին նստելն արտահայտվում է հասարակական տարեկան վերարտադրության մեջ էլ։

Եթե մի անհատական կապիտալ = է 400 c + 100 v, տարեկան հավելարժեքը = 100, այն ժամանակ ապրանքարդյունքը = է 400 c + 100 v + 100 m։ Այս 600-ը փոխարկվում է դրամի։ Այս դրամից էլի 400 c-ն փոխարկվում է հաստատուն կապիտալի բնաձևին, 100 v-ն՝ աշխատույժի, իսկ սրանցից զատ — եթե ամբողջ հավելարժեքն է կուտակվում — 100 m-ն էլ փոխարկվում է ավելադիր հաստատուն կապիտալի՝ վերածվելով արտադրողական կապիտալի բնատարրերին։ Ընդսմին ենթադրվում է՝ 1) որ այս գումարը տվյալ տեխնիկական պայմաններում բավարար է, լինի սա գործող հաստատուն կապիտալի ընդարձակման համար, թե արդյունաբերական մի նոր ձեռնարկություն հիմնելու համար, միևնույն է։ Բայց կարող է այն էլ պատահել, որ անհրաժեշտ լինի ավելի երկար ժամանակվա ընթացքում հավելարժեքը դրամի փոխարկել ու այս դրամը գանձացնել նախքան այն, երբ արդեն կարող է այս պրոցեսը տեղի ունենալ, ուրեմն իսկական կուտակում, արտադրության ընդլայնում հանդես գալ։ 2) Ենթադրվում է, որ արդեն ընդլայնված մասշտաբով արտադրություն նախապես տեղի է ունեցել իրոք, որովհետև դրամը (փողի ձևով գանձացված հավելարժեքն) արտադրողական կապիտալի տարրերին փոխարկել կարողանալու համար պետք է այս տարրերն իբրև ապրանքներ շուկայում ծախու գտնվելիս լինեն. ընդսմին ոչ մի տարբերություն էլ չի անի, եթե հիշյալները ոչ թե գնվեն որպես պատրաստի ապրանքներ, այլ պատվերով պատրաստվեն։ Սրանք վճարահատուցվում են լոկ այն բանից հետո, երբ արդեն առկա են, և համենայն դեպս նրանից հետո, երբ նրանց վերաբերմամբ արդեն տեղի է ունեցել իսկական ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը, մինչև հիմա նորմալ չափ ունեցող արտադրության ընդարձակումը։ Նրանք պետք է պոտենցիալ կերպով, այսինքն իրենց տարրերի ձևով առկա լինեին, որովհետև որպեսզի նրանց արտադրությունն իրոք տեղի ունենար, դեռ հարկավոր էր պատվերի խթանը միայն, այսինքն ապրանքի գոյությանը նախորդող նրա մի գնման ու նրա կանխակայված վաճառքի խթանը։ Այ դեպքում փողի առկայությունը մի կողմում՝ կյանքի է կոչում ընդլայնված վերարտադրություն մյուս կողմում, որովհետև սրա հնարավորությունն արդեն առանց փողի էլ կա. որովհետև ինքնըստինքյան դրամն իսկական վերարտադրության տարր չի ամենևին։

Եթե A կապիտալիստն, օրինակ, մի տարում կամ թե մեկ ավելի երկար շարք տարիների ընթացքում հաջորդաբար ծախում է յուր արտադրած ապրանքարդյունքի քանակներ, ապա սրանով արդեն նա ապրանքարդյունքի այն մասը, որը հավելարժեքի կրիչն է — հավելարդյունքը — ուրեմն ապրանքաձևով յուր արտադրած հենց հավելարժեքն էլ հաջորդաբար դրամի է փոխարկում, հետզհետե ամբարում է այս փողը և այսպիսով պոտենցիալ նոր դրամակապիտալ է կազմում յուր համար, պոտենցիալ՝ շնորհիվ այն հանգամանքի, որ նա ունակություն ու նախանշում ունի արտադրողական կապիտալի տարրերին փոխարկվելու։ Իսկ փաստորեն նա իրագործում է հասարակ գանձագոյացում միայն, որն իսկական վերարտադրության տարր չի ամենևին։ Ընդսմին նրա գործունեությունն ամենից առաջ այն է, որ հաջորդաբար նա շրջանառու փող է կորզում շրջանառությունից, ընդվորում իհարկե չի բացառվում այն, որ շրջանառու այն փողը, որը նա այսպես փակ ու փականքի տակ է դնում, հենց քիչ առաջ — նախքան յուր՝ շրջանառության մեջ մտնելը մի ուրիշի գանձի մաս էր։ A-ի այս գանձը, որը պոտենցիալ կերպով նոր դրամակապիտալ է, հասարակական ավելադիր հարստություն չի ամենևին ճիշտ այնպես, ինչպիսին չէր լինի, եթե հիշյալն սպառամիջոցների վրա ծախսվեր։ Բայց այն փողը, որ դուրս հանվեց շրջանառությունից, որ ուրեմն սրանից առաջ կար շրջանառության մեջ, կարող էր առաջ էլ արդեն մի անգամ ամբարված-ընկած լինել իբրև գանձաբաղադրամաս, կամ թե աշխատավարձի դրամաձևը եղած լինել, արտադրամիջոց կամ թե ուրիշ ապրանք դրամացրած լինել, մի կապիտալիստի հաստատուն բաղադրամասերը կամ թե հասույթը շրջանառության մեջ դրած լինել։ Այս փողը նոր հարստություն չի ճիշտ այնպես, ինչպես այն դրամը, պարզ ապրանքաշրջանառության տեսակետից քննած, յուր ոչ միայն առկա արժեքի, այլ և յուր տասնապատիկ արժեքի կրիչը չի դառնում լոկ այն պատճառով, որ նա օրվա մեջ տասն անգամ է պտույտ գործել, տասը տարբեր ապրանքարժեքներ է իրացրել։ Ապրանքները գոյություն ունեն առանց փողի էլ, իսկ փողը հենց նույնն է մնում, ինչ որ է (կամ թե է՛լ ավելի փոքրանում է մաշվածքի հետևանքով) մի պտույտի կամ թե տասը պտույտի ժամանակ։ Միմիայն ոսկու արտադրության մեջ է նոր հարստություն (պոտենցիալ դրամ) ստեղծվում — որչափով որ ոսկեարդյունքը հավելարդյունք է պարունակում, հավելարժեքի կրիչ է — և լոկ այն չափով է նոր դրամարդյունքը շատացնում պոտենցիալ նոր դրամակապիտալների դրամանյութեղենը, որչափով որ ամբողջ նոր դրամարդյունքն է ոտք դնում շրջանառության մեջ։

Դրամաձևով գանձացված այս հավելարժեքը, թեև հասարակական ավելադիր նոր հարստություն չի ամենևին, պոտենցիալ նոր դրամակապիտալ է ներկայացնում այն ֆունկցիայի պատճառով, որի համար նա ամբարվում է։ (Մենք հետո կտեսնենք, որ բացի հավելարժեքի աստիճանական ոսկիացման ճանապարհից ուրիշ ճանապարհով էլ կարող է նոր դրամակապիտալ առաջ գալ։)

Փողը շրջանառությունից հանվում և որպես գանձ ամբարվում է՝ ապրանքը ծախելու և հետո այլևս ապրանք չգնելու միջոցով։ Ուրեմն եթե այս գործառնությունն ընդհանրական ծավալով կատարվող գործառնություն հասկանանք, ապա կերևա, որ չի կարելի տեսնել, թե հապա ո՛րտեղից պետք է գնորդներ մեկտեղ գան, քանի որ այս պրոցեսում — իսկ սա պետք է ընդհանրական ծավալով վերցվի, որովհետև ամեն մի անհատական կապիտալ էլ կարող է կուտակման պրոցեդուրայում գտնվել — յուրաքանչյուրն ուզում է ծախել՝ գանձացման նպատակով, իսկ գնել ոչ ոք չի ուզում։

Եթե երևակայենք, թե տարեկան վերարտադրության տարբեր մասերի միջև կատարվող շրջանառության պրոցեսն ուղիղ գծով է ընթանում — մի բան, որ սխալ է, որովհետև սակավաթիվ բացառությունները չհաշված՝ այս շրջանառությունը կազմված է այնպիսի շարժուններից, որոնք բոլորով միասին իրար դեմ ու դեմ են վազում, ապա հարկ կլիներ ոսկի (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արծաթ) արտադրողից սկսել, որը գնում է առանց ծախելու, և ենթադրել, որ մյուս բոլորը նրան են ապրանք ծախում։ Այս դեպքում հասարակական տարեկան ամբողջ հավելարդյունքը (ամբողջ հավելարժեքի կրիչը) կանցներ նրա ձեռը, իսկ մյուս բոլոր կապիտալիստները pro rata [չափի համաձայն, ըստ չափու] իրենց միջև կբաշխեին ի բնե դրամաձևով գոյություն ունեցող նրա հավելարդյունքը, նրա հավելարժեքի բնոսկիացումը, որովհետև ոսկի արտադրողի արդյունքի այն մասը, որը պետք է նրա գործող կապիտալի արժեքը փոխհատուցի, արդեն կցակապված է և այս նպատակին է տրամադրված։ Ոսկեարտադրողի՝ ոսկու ձևով արտադրած հավելարժեքն այն ժամանակ կլիներ միակ ֆոնդը, որից բոլոր մյուս կապիտալիստներն իրենց տարեկան հավելարդյունքի ոսկիացման համար անհրաժեշտ նյութը կկորզեին։ Հետևաբար ոսկեարտադրողի հավելարժեքը յուր արժեմեծությամբ պետք է հավասար լիներ հասարակական տարեկան ամբողջ հավելարժեքին, որը նախ պետք է բոժոժանար գանձի ձևով։ Այս ենթադրություններն այսպես անհեթեթ լինելով՝ ուրիշ ոչինչ պարզաբանելու չեն օժանդակում, բացի մի ընդհանրական միաժամանակյա գանձագոյացման հնարավորությունից, որով բուն իսկ վերարտադրությունը, ոսկեարտադրողների կողմում կատարվածը չհաշված, ոչ մի քայլ առաջ չէր գնա։

Այս երևութական դժվարությունը լուծելուց առաջ պետք է տարբերենք I ստորաբաժանման (արտադրամիջոցների արտադրության) մեջ կատարվող կուտակումն ու II ստորաբաժանման (սպառամիջոցների արտադրության) մեջ կատարվող կուտակումը։ Մենք սկսում ենք I-ից։

I. ԿՈՒՏԿՈՒՄՆ I ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԵՋ

1) Գանձագոյացում

Պարոզ է, որ ինչպես այն բազմաթիվ արդյունաբերաճյուղերում արված կապիտալաներդրումները, որոնցից կազմված է I դասակակարգը, այնպես էլ այս արդյունաբերաճյուղերից յուրաքանչյուրում արված անհատական տարբեր կապիտալաներդրումները, նայած իրենց տարիքին, այսինքն նայած իրենց ֆունկցիայի արդեն անցած-գնացած տևողությանը — բոլորովին մի կողմ թողած նրանց ծավալը, տեխնիկական պայմանները, շուկայահարաբերությունները և այլն — հավելարժեքի հաջորդաբար պոտենցիալ դրամակապիտալի փոխարկվելու պրոցեսի տարբեր աստիճանների վրա են գտնվում, այս դրամակապիտալն արտադրության ընդլայնման երկու ձևից որին էլ որ հիմա ծառայելու լինի — նրանց գործող կապիտալի ընդլայնմա՞նը, թե՞ արդյունաբերական նոր ձեռնարկություններ հիմնելուն, միևնույն է։ Ուստի կապիտալիստների մի մասը՝ աճելով համապատասխան մեծության հասած յուր պոտենցիալ դրամակապիտալը միշտ փոխարկում է արտադրողական կապիտալի, այսինքն հավելարժեքի ոսկիացման միջոցով գանձացված դրամով գնում է արտադրամիջոցներ, հաստատուն կապիտալի հսվելադիր տարրեր, այնինչ մի ուրիշ մասը դեռ զբաղված է յուր պոտենցիալ դրամակապիտալի գանձացմամբ։ Հետևաբար այս երկու կատեգորիային պատկանող կապիտալիստներն իրար դեմ հանդես են գալիս մեկն իբրև գնորդ, մյուսը՝ որպես վաճառորդ, և երկսից յուրաքանչյուրն՝ այս բացառիկ դերում։

Ասենք, թե, օրինակ, A-ն 600 (= 400 c + 100 v + 100 m) ծախում է B-ին (որը կարող է մեկից ավելի գնորդներ ներկայացնել)։ Նա 600-ի ապրանքներ է ծախել դրամաձև ունեցող 600-ի դիմաց, որից 100-ը հավելարժեք է ներկայացնում, որը նա դուրս է կորզում շրջանառությունից, գանձացնում իբրև դրամ. բայց այս 100-անոց փողը լոկ դրամաձևն է հավելարդյունքի, որը 100-անոց մի արժեքի կրիչն էր։ Գանձագոյացումն առհասարակ արտադրություն չի, ուրեմն հենց սկզբից էլ արտադրության աճ չի ամենևին։ Ընդսմին կապիտալիստի գործունեությունը լոկ այն է լինում, որ նա 100-անոց հավելարդյունքը ծախելով ձեռք բերած փողը հանում է շրջանառությունից, պինդ պահում և կալանքի տակ է դնում։ Այս գործառնությունը տեղի է ունենում ոչ միայն A-ի կողմում, այլև շրջանառության ծայրամասի բազմաթիվ կետերում ուրիշ A՛-ի, A՛՛-ի, A՛՛՛-ի կողմից, այն կապիտալիստների կողմից, որոնք բոլորը նույնպես եռանդագին աշխատում են գանձագոյացման այս տեսակի վրա։ Այս բազմաթիվ կետերը, որտեղ դրամը հանվում է շրջանառությունից և կուտակվում է բազմաթիվ անհատական գանձերի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] պոտենցիալ դրամակապիտալների ձևով, շրջանառության հենց նույնքան բազմաթիվ արգելքներ են, որովհետև նրանք անշարժացնում են փողը է ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով նրանից խլում յուր շրջանառունակությունը։ Բայց պետք է ուշադրության առնել, որ պարզ ապրանքաշրջանառության ժամանակ էլ, նախքան սրա՝ կապիտալիստական ապրանքարտադրության վրա խարսխվելը, տեղի է ունենում գանձագոյացում, և որ հասարակության մեջ առկա դրամաքանակը միշտ ավելի մեծ է նրա՝ գործուն շրջանառության մեջ գտնվող մասից, թեև սա, նայած հանգամանքներին, հորդանում է կամ թե նվազում։ Նույն այս գանձերն ու միևնույն գանձագոյացումը մենք նորից գտնում ենք այստեղ, բայց հիմա արդեն իբրև կապիտալիստական արտադրապրոցեսին ներհատուկ մի մոմենտ։

Հասկանալի է այն գոհունակությունը, երբ վարկասիստեմի ժամանակ այս բոլոր պոտենցիալ կապիտալները բանկերի և այլոց ձեռին իրենց համակենտրոնանալու հետևանքով դառնում են տրամադրելի կապիտալ, «loanable capital», դրամակապիտալ ու այն էլ արդեն՝ ոչ թե կրավորական դրամակապիտալ ու ապագայի երաժշտություն, այլ գործուն, վաշխող դրամակապիտալ (այստեղ «վաշխել» գործ ենք ածում աճեցման իմաստով)։

Բայց A-ն այս գանձագոյացումը կատարում է լոկ այն չափով, որչափով որ նա — յուր հավելարդյունքի վերաբերմամբ — միմիայն իբրև վաճառորդ է հանդես գալիս՝ առանց հետո որպես գնորդ մեջտեղ գալու։ Հետևաբար հավելարդյունքի — նրա ոսկիացնելի հավելարժեքի կրիչի — հաջորդական արտադրումը նրա կողմից՝ նրա գանձագոյացման նախադրյալն է։ Տվյալ դեպքում, երբ շրջանառությունը քննարկվում է միմիայն I կատեգորիայի շրջանակում, հավելարդյունքի, ինչպես և այն ամբողջ արդյունքի բնաձևը, որի մի մասն է կազմում հավելարդյունքը, I-ի հաստատուն կապիտալի մի տարրի բնաձևն է, այսինքն պատկանում է արտադրամիջոցների արտադրամիջոցների կատեգորիային։ Թե ի՛նչ է դուրս գալիս սրանից, այսինքն հիշյալ հավելարդյունքն ինչ ֆունկցիայի է ծառայում B, B՛, B՛՛ և այլն գնորդների ձեռին, մենք հենց հիմա իսկույն կտեսնենք։

Բայց ամենից առաջ պետք է մտքում այս պահել.— թեև A-ն յուր հավելարժեքի դիմաց փող է կորզում շրջանառությունից և այս դրամը գանձացնում, մյուս կողմից էլ նա, առանց փոխարենն ուրիշ ապրանք կորզելու շրջանառությունից, շրջանառության մեջ ապրանք է նետում, որով B-ն, B՛-ն, B՛՛-ն և ուրիշները հնարավորություն են ստանում իրենց հերթին փող նետելու շրջանառության մեջ և փոխարենը միմիայն ապրանք կորզելու շրջանառությունից։ Տվյալ դեպքում այս ապրանքը թե յուր բնաձևով ու թե յուր նախանշման համաձայն մտնում է B-ի, B՛-ի և այլոց հաստատուն կապիտալի մեջ որպես հիմնական կամ թե հոսուն տարր։ Վերջինիս մասին ավելին կասենք, հենց որ գործ կունենանք հավելարդյունքի գնորդի, B-ի, B՛-ի և այլոց հետ։



Այստեղ ի միջի այլոց նկատենք հետևյալը, ինչպես որ առաջ, պարզ վերարտադրությունը քննելիս, այնպես էլ այստեղ դարձյալ գտնում ենք, որ տարեկան արդյունքի տարբեր բաղադրամասերի փոխանակումը, այսինքն նրանց շրջանառությունը (որը միաժամանակ պետք է ընդգրկի կապիտալի վերարտադրությունն ու նրա վերականգնումն էլ յուր տարբեր որոշվածություններով — իբրև հաստատուն, փոփոխուն, հիմնական, շրջանառու կապիտալ, դրամակապիտալ, ապրանքակապիտալ) ամենևին չի ենթադրում ապրանքի սոսկական գնում, որը լրացվում է հաջորդող վաճառքով, կամ թե սոսկական վաճառք, որը լրացվում է հաջորդող գնումով, այնպես որ փաստորեն տեղի ունենար միմիայն ապրանքի փոխանակություն ապրանքի հետ, ինչպես ընդունում է քաղաքատնտեսությունը, մանավանդ ազատ առևտրի դպրոցը ֆիզիոկրատների ու Ադամ Սմիթի ժամանակվանից։ Մենք գիտենք, որ հիմնական կապիտալն այն բանից հետո, երբ մի անգամ արդեն նրա վրա լինելիք ծախսն արված է, յուր գործունեության ամբողջ ժամանակվա ընթացքում չի նորացվում, այլ շարունակում է գործել յուր հին ձևում պարուրված, այնինչ նրա արժեքը հետզհետե տակն է սկում իբրև դրամ։ Արդ, մենք տեսանք, որ IIc հիմնական կապիտալի պարբերական նորացումը (իսկ IIc ամբողջ կապիտալարժեքը փոխարկվում է I (v + m)-ի արժեքն ունեցող տարրերի) ենթադրում, է մի կողմից՝ սոսկ գնումն IIc-ի հիմնական մասի, որը դրամաձևից բնաձևի է հետփոխարկվում և որին համապատասխանում է Im-ի սոսկ վաճառքը. մյուս կողմից ենթադրում է սոսկ վաճառք IIc-ի կողմից, վաճառք սրա հիմնական արժեմասի (մաշվածքարժեմասի), որը սկում է տակին իբրև փող և որին համապատասխանում է Im-ի սոսկ գնումը։ Որպեսզի փոխանակությունն այստեղ նորմալ կատարվի, պետք է ենթադրել, որ IIc-ի կողմից արվող սոսկական գնումն ըստ արժեծավալի հավասար է IIc-ի կողմից արվող սոսկական վաճառքին, այլև որ Im-ի սոսկական վաճառքը IIc, 1-ին մասին՝ հավասար է IIc, 2-րդ մասից արած յուր սոսկական գնումին (էջ 432)։ Ապա թե ոչ՝ պարզ վերարտադրությունը խանգարվում է. այս տեղի սոսկական գնումը պետք է ծածկվի այնտեղի սոսկական վաճառքով։ Այստեղ պիտի ենթադրել նմանապես, որ Im-ի գանձակազմիչ A, A՛, A՛՛ մասի սոսկական վաճառքը հավասարակշիռ է Im-ում B, B՛, B՛՛ մասի սոսկական գնման հետ, ընդվորում Im-ը յուր գանձն ավելադիր արտադրողական կապիտալի է փոխարկում։

Որչափով որ հավասարակշռությունը նրանով է վերականգնվում, որ գնորդը հետո ու նույնահավասար արժեգումարի համար իբրև վաճառորդ է հանդես գալիս, և ընդհակառակը, այնչափով էլ դրամի հետհոսումն է տեղի ունենում դեպի այն կողմը, որը գնման ժամանակ փող էր կանխավճարել, որն առաջ ծախել էր նախքան դարձյալ գնելը։ Բայց իսկական հավասարակշռությունը բուն իսկ ապրանքափոխանակության առնչությամբ, տարեկան արդյունքի տարբեր մասերի փոխանակության առնչությամբ պայմանավորված է միմյանց հետ փոխանակված ապրանքների նույնահավասար արժեգումարով։

Սակայն որչափով որ սոսկ միակողմանի փոխակերպություններ են տեղի ունենում, բազմաթիվ սոսկական գնումներ մի կողմից, բազմաթիվ սոսկական վաճառքներ մյուս կողմից — իսկ մենք տեսել ենք, որ կապիտալիստական պատվանդանի վրա տարեկան արդյունքի այս նորմալ փոխանակումը պայմանավորում է այս միակողմանի փոխակերպությունները — այնչափով էլ հավասարակշռություն լինում է այն ենթադրության դեպքում, թե միակողմանի գնումների արժեգումարն ու միակողմանի վաճառքների արժեգումարն իրար ծածկում են։ Այն իրողությունը, որ ապրանքարտադրությունը կապիտալիստական արտադրության ընդհանրական ձևն է, յուր մեջ արդեն պարփակում է այն դերը, որ դրամը խաղում է նրա ոչ միայն իբրև շրջանառության միջոց, այլև որպես դրամակապիտալ, և նա նորմալ փոխանակության համար, ուրեմն և վերարտադրության նորմալ ընթացքի համար — լինի վերարտադրությունը պարզ, թե ընդլայնված մասշտաբով, միևնույն է,— ստեղծում է արտադրության այս եղանակին հատուկ հայտնի պայմաններ, որոնք աննորմալ ընթացքի, ճգնաժամերի հնարավորությունների նույնքան բազմաթիվ պայմանների են փոխարկվում, որովհետև հենց հավասարակշռությունն ինքը — այս արտադրության բնաճուն կերպարանավորման ժամանակ — մի պատահականություն է։

Մենք տեսել ենք նմանապես, որ Iv-ի՝ IIc-ի համապատասխան արժեգումարի հետ փոխանակվելու ժամանակ IIc-ի համար վերջիվերջո տեղի է ունենում II ապրանքի փոխարինումն I ապրանքի նույնահավասար արժեգումարով, որ ուրեմն այստեղ II հավաքական կապիտալիստի կողմից սեփական ապրանքի վաճառքը հետագայում լրացվում է միևնույն արժեգումարն ունեցող I ապրանքի գնումով։ Թեև այս փոխարինումը տեղի է ունենում, բայց I ու II կապիտալիստների կողմից մի փոխանակություն տեղի չի ունենում իրենց փոխադարձ ապրանքների այս փոխարկման ժամանակ։ IIc-ն յուր ապրանքը ծախում է I-ի բանվոր դասակարգին. սա նրա հանդեպ ելնում է միակողմանիորեն իբրև ապրանքագնորդ, իսկ նա սրա հանդեպ ելնում է միակողմանիորեն որպես ապրանքավաճառ. այս եղանակով ձեռ գցած փողով IIc-ն միակողմանիորեն իբրև ապրանքագնորդ ելնում է I հավաքական կապիտալիստի հանդեպ. սա էլ նրա հանդեպ է ելնում Iv-ի գումարի չափով՝ միակողմանիորեն որպես ապրանքավաճառ։ Միմիայն այս ապրանքավաճառքի միջոցով է I-ը վերջիվերջո վերարտադրում յուր փոփոխուն կապիտալն էլի դրամակապիտալի ձևով։ Եթե I-ի կապիտալը II-ի կապիտալի հանդեպ միակողմանիորեն իբրև ապրանքավաճառ է ելնում Iv-ի գումարի չափով, ապա նա հենց յուր, բանվոր դասակարգի հանդեպ ելնում է որպես ապրանքագնորդ՝ նրա աշխատույժը գնելիս. և եթե I բանվոր դասակարգը II կապիտալիստի հանդեպ ելնում է միակողմանիորեն իբրև ապրանքագնորդ (այն է՝ իբրև կենսամիջոցների գնորդ), ապա նա I կապիտալիստի հանդեպ ելնում է միակողմանիորեն որպես ապրանքավաճառ, այն է՝ որպես յուր աշխատույժի վաճառորդ։

Աշխատույժի շարունակական առաջարկն I-ում եղած բանվոր դասակարգի կողմից, I ապրանքակապիտալի մի մասի հետփոխարկումը փոփոխուն կապիտալի դրամաձևի, II ապրանքակապիտալի մի մասի փոխարինումը IIc հաստատուն կապիտալի բնատարրերով,— այս բոլոր անհրաժեշտ նախադրյալները փոխադարձորեն պայմանավորում են իրար, բայց միջնորդագործվում են մի շատ բարդ պրոցեսով, որը յուր մեջ պարփակում է շրջանառության երեք միմյանցից անկախ, բայց իրար հետ խառնահյուսվող պրոցես։ Պրոցեսի բարդությունն ինքը նույնպես շատ առիթներ է տալիս աննորմալ ընթացքի համար։

2) Ավելադիր հաստատուն կապիտալ

Հավելարդյունքը, հավելարժեքի կրիչը, սրա յուրացնողների վրա, I կապիտալիստների վրա ոչինչ չի նստում։ Հավելարդյունք ստանալու համար նրանք որևէ կերպով դրամ կամ թե ապրանքներ կանխավճարելու պետք չունեն ամենևին։ Արդեն ֆիզիոկրատների մոտ կանխավճարումը (avance) այն արժեքի ընդհանրական ձևն է, որը մարմնանում է արտադրողական կապիտալի տարրերի մեջ, հետևաբար նրանք ուրիշ ոչինչ չեն կանխավճարում, քան իրենց հաստատուն ու փոփոխուն կապիտալը։ Բանվորը նրանց միմիայն հաստատուն կապիտալը չի, որ յուր աշխատանքով պահպանում է նրանց համար. նա մենակ փոփոխուն կապիտալարժեքը չի, որ փոխարինում է .ապրանքի ձև ունեցող ու նորաստեղծ համապատասխան արժեմասով. նա, բացի սրանից, յուր հավելաշխատանքով կապիտալիստներին մատակարարում է հավելարդյութքի ձևով գոյություն ունեցող մի հավելարժեք էլ։ Այս հավելարդյունքի հաջորդական վաճառքի միջոցով նրանք գոյացնում են գանձը, ավելադիր պոտենցիալ դրամակապիտալ։ Այստեղ քննարկվող դեպքում այս հավելարդյունքը հենց այն գլխից կազմված է արտադրամիջոցների արտադրամիջոցներից։ Միմիայն B, B՛, B՛՛ և այլն (I)-ի ձեռին է այս հավելարդյունքը գործում իբրև ավելադիր հաստատուն կապիտալ, բայց նա հնարավորաբար այս էր արդեն ծախվելուց էլ առաջ, արդեն A, A՛՛ (I) գանձակազմիչների ձեռքում։ Երբ մենք վերարտադրության սոսկ արժեծավալն ենք քննում I-ի կողմից, ապա մենք դեռ պարզ վերարտադրության սահմաններումն ենք գտնվում, որովհետև ոչ մի ավելադիր կապիտալ չի դրվել շարժման մեջ՝ այս հնարավորաբար ավելադիր հաստատունն կապիտալը (հավելարդյունքն) ստեղծելու համար, այլև շարժման մեջ չի դրվել ավելի մեծ աշխատանք, քան որ ծախսվում էր պարզ վերարտադրության պատվանդանի վրա խարսխված։ Այստեղ տարբերությունը կիրառված հավելաշխատանքի ձևի մեջ է միայն, նրա առանձնահատուկ օգտակար եղանակի կոնկրետ բնության մեջ։ Հավելաշխատանքը ծախսվել է IIc-ի համար լինելիք արտադրամիջոցների փոխարեն Ic-ի համար նախանշված արտադրամիջոցների վրա, սպառամիջոցների արտադրամիջոցների փոխարեն արտադրամիջոցների արտադրամիջոցների վրա։ Պարզ վերարտադրության ժամանակ ենթադրվում էր, որ ամբողջ I հավելարժեքը ծախսվում է իբրև հասույթ, ուրեմն II ապրանքների վրա. ուրեմն նա կազմված է լինում այնպիսի արտադրամիջոցներից միայն, որոնք էլի պետք է IIc հաստատուն կապիտալին փոխարինեն սրա բնաձևում պարուրված։ Հետևաբար որպեսզի պարզ վերարտադրությունից դեպի ընդլայնված վերարտադրությունը լինելիք անցումը կատարվի, ապա I ստորաբաժանման արտադրությունը պետք է ի վիճակի լինի հաստատուն կապիտալի ավելի քիչ տարրեր պատրաստելու II-ի համար, բայց նույնքանով էլ շատ պատրաստելու I-ի համար։ Այս անցումը, որ միշտ առանց դժվարության չի կատարվում, հեշտանում է այն իրողության շնորհիվ, որ I-ի արդյունքների մի որոշ թիվ կարող է իբրև արտադրամիջոց ծառայել երկու ստորաբաժանման մեջ էլ։

Հետևում է ուրեմն, որ — սոսկ արժեծավալի տեսակետից քննած — պարզ վերարտադրության սահմաններումն է արտադրվում ընդլայնված վերարտադրության նյութական սուբստրատը։ Սա I բանվոր դասակարգի այն հավելաշխատանքն է պարզապես, որը ծախսվել է ուղղակի արտադրամիջոցների արտադրության վրա, I հնարավորաբար ավելադիր կապիտալ ստեղծելու վրա։ Այսպիսով ուրեմն, A, A՛, A՛՛ (I)-ի կողմից հնարավորաբար ավելադիր դրամակապիտալ գոյացնելը՝ սրանց հավելարդյունքի հաղորդական վաճառքի միջոցով, հավելարդյունք, որը գոյանում է առանց որևէ կապիտալիստական դրամածախսման,— ավելադրաբար արտադրված I արտադրամիջոցների սոսկական դրամաձևն է այստեղ։

Հնարավոր ավելադիր կապիտալի արտադրությունը մեր դեպքում (որովհետև, ինչպես կտեսնենք, նա կարող է գոյանալ բոլորովին այլ կերպով էլ) ուրիշ ոչինչ չի արտահայտում հետևաբար, քան բուն իսկ արտադրապրոցեսի մի երևույթ, արտադրողական կապիտալի տարրերի արտադրություն մի որոշակի ձևով։

Այսպիսով ուրեմն, ավելադիր հնարավոր դրամակապիտալի՝ ավելի մեծ մասշտաբով արտադրությունը — շրջանառության ծայրամասի բազմաթիվ կետերում — ուրիշ ոչինչ չի, քան այն հնարավոր ավելադիր արտադրողական կապիտալի բազմակողմանի արտադրության հետևանք կամ արտահայտություն, որի բուն հենց ծագումը չի ենթադրում մի ավելադիր դրամածախսում արդյունաբերական կապիտալիստների կողմից։

A, A՛, A՛՛ և այլն (I)-ի կողմից այս հնարավոր ավելադիր արտադրողական կապիտալի հաղորդական փոխարկումը հնարավոր դրամակապիտալի (գանձի), փոխարկում, որ պայմանավորված է նրա հավելարդյունքի հաջորդական վաճառքով — ուրեմն կրկնվող միակողմանի ապրանքավաճառքով՝ առանց լրացնող գնման — կատարվում է շրջանառությունից կրկին ու կրկին փող դուրս հանելով և սրա համապատասխան գանձագոյացմամբ։ Այս գանձագոյացումը — բացի այն դեպքից, երբ ոսկի արտադրողն է գնորդը — ամենևին չի ենթադրում ազնիվ մետաղի ավելադիր հարստություն, այլ մինչև հիմա շրջանառող դրամի փոփոխված ֆունկցիա միայն։ Քիչ առաջ նա գործում էր իբրև շրջանառության միջոց, հիմա գործում է նա որպես գանձ, իբրև գոյացող, հնարավոր նոր դրամակապիտալ։ Այսպիսով ուրեմն, ավելադիր դրամակապիտալի գոյացումն ու մի երկրում գտնվող ազնիվ մետաղի քանակն իրար նկատմամբ ոչ մի պատճառական կապակցության մեջ չեն։

Սրանից հետևում է ապա.— որքան ավելի մեծ է մի երկրում արդեն գործող արտադրողական կապիտալը (մեջը հաշվելով նրան միակցված աշխատույժը, հավելարդյունք ստեղծող ույժն էլ), որքան ավելի է զարգացած աշխատանքի արտադրողականությունը, և սրա հետ զարգացած են արտադրամիջոցների արտադրության ավելի արագ ծավալման տեխնիկական միջոցներն էլ — ուրեմն որքան ավելի մեծ է նաև հավելարդյունքի մասսան թե՛ ըստ յուր արժեքի ու թե՛ ըստ այն սպառարժեքների քանակի, որոնցում ներկայանում է հավելարդյունքը — այնքան ավելի մեծ է

1) հավելարդյունքի ձևով A-ի, A՛-ի, A՛՛-ի ու այլոց ձեռին գտնվող հնարավոր ավելադիր արտադրողական կապիտալը և

2) դրամի փոխարկված այս հավելարդյունքի, ուրեմն հնարավոր ավելադիր դրամակապիտալի մասսան A-ի, A՛-ի, A՛՛-ի ձեռքում։ Հետևաբար, եթե, օրինակ, Ֆուլլարտոնը ոչինչ չի ուզում լսել սովորական իմաստով առած գերարտադրության մասին, բայց ընդունում է կապիտալի, հատկապես դրամակապիտալի գերարտադրությունը, ապա այս էլի ցույց է տալիս, թե բուրժուական նույնիսկ ամենալավ տնտեսագետները բացարձակապես որքան քիչ բան են հասկանում իրենց սիստեմի մեխանիզմից։

Եթե այն հավելարդյունքը, որ արտադրում և յուրացնում են A, A՛, A՛՛ (I) կապիտալիստները, կապիտալակուտակման, այսինքն ընդլայնված վերարտադրության իրական պատվանդանն է, թեև նա յուր այս հատկությամբ ակտիվ գործում է B, B՛, B՛՛ և այլն (I)-ի ձեռին միայն,— ապա ընդհակառակը, յուր դրամաբոժոժացման ձևում — իբրև գանձ ու լոկ հետզհետե գոյացող հնարավոր դրամակապիտալ — նա բացարձակորեն արտադրողական է, այս ձևում պարուրված ընթանում է արտադրապրոցեսին զուգահեռ, բայց սրանից դուրս է գտնվում։ Նա մի երկանաքար է (dead weight) կապիտալիստական արտադրության վզից կախված։ Իբրև հնարավոր դրամակապիտալ գանձացվող այս հավելարժեքը թե՛ շահույթ ու թե՛ հասույթ ստանալու համար գարծածելի դարձնելու ծարավը յուր ձգտման նպատակը գտնում է վարկասիստեմի ու «թղթիկների» մեջ։ Սրանով դրամակապիտալը մի ուրիշ ձևում պարուրված ամենից արտակարգ ազդեցություն է ձեռք բերում կապիտալիստական արտադրասիստեմի ընթացքի ու հզոր զարգացման վրա։

Հնարավոր դրամակապիտալ դարձված հավելարդյունքն ըստ յուր մասսայի այնքան ավելի մեծ կլինի, որքան ավելի մեծ է եղել արդեն գործող այն կապիտալի ամբողջ գումարը, որի ֆունկցիայից է ծագել հավելարդյունքը։ Բայց տարվա մեջ վերարտադրված հնարավոր դրամակապիտալի ծավալի բացարձակ մեծացման ժամանակ ավելի հեշտ է լինում նրա հերձատումն էլ, այնպես որ նա ավելի արագ է ներդրվում մի առանձին ձեռնարկության մեջ, լինի սա հենց նույն կապիտալիստի ձեռին, թե ուրիշ ձեռքերում (օրինակ, ժառանգությունը բաժանելու դեպքում՝ ընտանիքի անդամների ձեռին), միևնույն է։ Դրամակապիտալի հերձատում ասելով այստեղ հասկացվում է այն, որ նա բոլորովին անջատվում է մայր կապիտալից՝ իբրև նոր դրամակապիտալ մի նոր ինքնակա ձեռնարկության մեջ ներդրվելու համար։

Եթե A, A՛, A՛՛ և այլն (I)-ի հավելարդյունքի վաճառորդներն այս հավելարդյունքն ստացել են իբրև ուղղակի արգասիք արտադրապրոցեսի, որը շրջանառության հետագա ակտեր չի ենթադրում, բացի այն կանխավճարումից, որ հաստատուն ու փոփոխուն կապիտալի համար պահանջվում է պարզ վերարտադրության ժամանակ էլ, եթե սրանով այնուհետև նրանք ընդլայնված մասշտաբով վերարտադրության իրական պատվանդանն են մատակարարում, հնարավոր ավելադիր կապիտալ արտադրում իրոք, ապա ընդհակառակը, B, B՛, B՛՛ և այլն (I)-ի բանը տարբեր է։ 1) Միմիայն սրանց ձեռին ակտիվորեն կգործի A-ի, A՛-ի, A՛՛-ի և այլոց հավելարդյունքն իբրև ավելադիր հաստատուն կապիտալ (արտադրողական կապիտալի մյուս տարրը, ավելադիր աշխատույժը, ուրեմն ավելադիր փոփոխուն կապիտալը մենք առայժմ անտեսում ենք). 2) որպեսզի հիշյալ հավելարդյունքը սրանց ձեռն ընկնի, շրջանառության մի ակտ է պահանջվում. սրանք հավելարդյունքը պետք է գնեն։

1)-ի վերաբերմամբ այստեղ պետք է նշել, որ A, A՛, A՛՛ (I)-ի կողմից արտադրված հավելարդյունքի (հնարավոր ավելադիր հաստատուն կապիտալի) մի մեծ մասը թեև այս տարի է արտադրվում, բայց միմիայն հաջորդ տարում կամ թե է՛լ ավելի ուշ կարող է B, B՛, B՛՛ (I)-ի ձեռին ակտիվորեն գործել իբրև արդյունաբերական կապիտալ, 2)-ի վերաբերմամբ հարց է առաջ գալիս, թե շրջանառության պրոցեսի համար անհրաժեշտ դրամը ո՞րտեղից է ստացվում։

Որչափով որ այն արդյունքները, որ B, B՛, B՛՛ և այլն (I)-ն են արտադրում, in natura [բնեղեն կերպարանքով] հենց էլի սրանց պրոցեսի մեջ են մտնում, ինքնըստինքյան հասկանալի է, որ pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] նրանց սեփական հավելարդյունքի մի մասն ուղղակի (առանց շրջանառության միջնորդագործման) փոխանցվում է նրանց արտադրողական կապիտալի մեջ և մտնում է այստեղ իբրև հաստատուն կապիտալի ավելադիր տարր։ Բայց միաժամանակ նրանք pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] A, A՛ և այլն (I)-ի հավելարդյունքը ոսկիացնող չեն ամենևին։ Մի կողմ թողնենք այս. ո՞րտեղից է ստացվում փողը։ Մենք գիտենք, որ նրանք A-ի, A՛-ի և այլոց նման իրենց գանձը կազմել են իրենց համապատասխան հավելարդյունքները ծախելով և հիմա հասել են այն նպատակակետին, երբ նրանց իբրև գանձ կուտակված, լոկ հնարավոր դրամակապիտալն այժմ պետք է էֆֆեկտիվորեն գործի որպես ավելադիր դրամակապիտալ։ Բայց այսպիսով մենք հիմա պտույտ ենք գալիս միևնույն շրջանագծի մեջ։ Դեռ էլի մնում է այն հարցը, թե հապա ո՞րտեղից է ստացվում այն փողը, որ B (I)-ի կապիտալիստներն առաջուց դուրս են հանել շրջանառությունից և կուտակել։

Սակայն պարզ վերարտադրության հետազոտությունից արդեն մենք գիտենք, որ I ու II կապիտալիստների ձեռին պետք է մի հայտնի դրամագումար լինի իրենց հավելարդյունքը փոխարկելու համար։ Այնտեղ այն դրամը, որն իբրև հասույթ ծառայում էր սպառամիջոցների վրա ծախսվելու համար միայն, վերադառնում էր կապիտալիստներին լոկ այն չափով, որով սրանք այն կանխավճարել էին իրենց համապատասխան ապրանքները փոխանակելու համար. այստեղ միևնույն փողը վերահայտնվում է, բայց փոփոխված ֆունկցիայով։ A-ի ու B-ի (I) կապիտալիստները փոփոխակի դրամ են մատակարարում իրար՝ հավելարդյունքը հնարավոր ավելադիր դրամակապիտալի փոխարկելու համար և նոր գոյացած դրամակապիտալը փոխեփոխ հետ են նետում շրջանառության մեջ որպես գնելամիջոց։

Միակ բանը, որ ենթադրվում է ընդսմին, այն է, որ երկրում գտնվող դրամաքանակը (շրջանառության արագությունը և այլն անփոփոխ ենթադրելով) բավական է ինչպես գործուն շրջանառության համար, այնպես էլ պահեստագանձի համար — ուրեմն նույն այն ենթադրությունը, որն, ինչպես տեսանք, պետք է իրականություն լինի պարզ ապրանքաշրջանառության ժամանակ էլ։ Միայն թե այստեղ գանձերի ֆունկցիան է տարբեր։ Առկա դրամակապիտալը պետք է ավելի մեծ լինի նաև, 1) որովհետև կապիտալիստական արտադրության ժամանակ ամեն արդյունք (բացի նոր արտադրված ազնիվ մետաղներից ու բուն իսկ արտադրողների բանեցրած սակավաթիվ արդյունքներից) իբրև ապրանք է արտադրվում, հետևաբար պետք է դրամաբաժոժացման փուլով անցնի. 2) որովհետև կապիտալիստական պատվանդանի վրա ապրանքակապիտալի մասսան ու նրա արժեծավալը ոչ միայն ավելի մեծ է բացարձակորեն, այլև աճում է անհամեմատ ավելի մեծ արագությամբ. 3) միշտ պետք է դրամակապիտալի փոխարկվի ավելի ու ավելի ընդարձակածավալ մի փոփոխուն կապիտալ. 4) որովհետև արտադրության ընդլայնման հետ համաքայլ է ընթանում նոր դրամակապիտալների գոյացումը, հետևաբար պետք է առկա լինի սրանց գանձաձևի նյութեղենն էլ։— Եթե սա առանց այլևայլության ճիշտ է կապիտալիստական արտադրության առաջին փուլի համար, որտեղ վարկասիստեմին էլ առավելապես մետաղյա շրջանառությունն է ուղեկցում, ապա նույն այս դրույթը յուր զորությունը պահպանում է վարկասիստեմի ամենազարգացած փուլի համար այն չափով, որչափով որ սրա հիմքը մետաղաշրջանառությունն է մնում։ Մի կողմից՝ ազնիվ մետաղների լրացուցիչ արտադրությունը, որչափով որ սա փոխեփոխ ավելի հարուստ կամ թե ավելի աղքատիկ է դառնում, այստեղ կարող է ավերիչ ազդեցություններ գործել ապրանքագների վրա ոչ միայն ավելի երկար, այլ և շատ կարճ պարբերաշրջաններում. մյուս կողմից՝ ամբողջ վարկամեխանիզմի ճիգ ու ջանքն այն է լինում մշտապես, որ ամեն տեսակի գործառնությունների, մեթոդների, տեխնիկական հարմարանքների միջոցով սահմանափակելով իրական մետաղաշրջանառությունը հասցնի հարաբերաբար միշտ նվազող մինիմումի — որով միևնույն համամասնությամբ ավելանում են ամբողջ մեխանիզմի արհեստականությունն ու սրա նորմալ ընթացքի խափանումների հավանականություններն էլ։

(I)-ի զանազան B, B՛, B՛՛ և այլն կապիտալիստներ, որոնց հնարավոր նոր դրամակապիտալն իբրև ակտիվ է մնում գործառնության մեջ, կարող են իրենց արդյունքները (իրենց հավելարդյունքի մասերը) փոխադարձաբար իրարից գնել ու միմյանց ծախել։ Հավելարդյունքի շրջանառության համար կանխավճարած դրամը — նորմալ ընթացքի դեպքում — pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] հետ է հոսում զանազան B-երի մոտ, նույն համամասնությամբ, որով սրանք իրենց համապատասխան ապրանքների շրջանառության համար փող էին կանխավճարել։ Եթե դրամն իբրև վճարամիջոց է շրջանառում, ապա այստեղ պետք է լոկ հաշվեմնացորդները վճարահատուցել, որչափով որ փոխադարձ առուծախերն իրար չեն ծածկում։ Բայց կարևոր է ամենուրեք, ինչպես որ մենք ենք անում այստեղ, ամենից առաջ ենթադրել մետաղյա շրջանառություն յուր ամենապարզ, ամենասկզբնական ձևով, որովհետև դրամի արտահոսումն ու հետհոսումը, հաշվեմնացորդների հավասարեցումը, կարճ ասած՝ այն բոլոր մոմենտները, որոնք վարկասիստեմում որպես գիտակցորեն կարգավորված իրադարձություններ են պատկերանում,— հիշյալ ենթադրության շնորհիվ արդեն իբրև վարկասիստեմից անկախ գոյությանն ունեցող են հանդես գալիս. բանը ներկայանում է յուր բնաճուն ձևով, փոխանակ ավելի հետագա անդրադարձված ձևով ներկայանալու։

3) Ավելադիր փոփոխուն կապիտալը

Որովհետև մինչև այժմ խոսք եղավ ավելադիր հաստատուն կապիտալի մասին միայն, ուստի մենք հիմա դառնանք ավելադիր փոփոխուն կապիտալը քննարկելուն։

I գրքում ընդարձակ շարադրված է, թե ինչպես կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա աշխատույժը միշտ իբրև պաշար առկա է, և ինչպես, երբ անհրաժեշտ է, զբաղված բանվորների թիվը կամ աշխատույժի քանակը չմեծացնելով էլ կարող է ավելի շատ աշխատանք հոսուն դարձվել։ Ուստի հարկ չկա հիմա ավելի խորամուխ լինելու այս կետի մեջ, այլ, ընդհակառակը, պետք է ընդունել, որ նոր գոյացած դրամակապիտալի այն մասը, որը փոփոխուն կապիտալի է փոխարկվելու, միշտ առկա գտնում է այն աշխատույժը, որին որ փոխարկվելու է ինքը։ Նմանապես I գրքում շարադրվել է, թե ինչպես մի տվյալ կապիտալ, առանց կուտակման, կարող է յուր արտադրածավալի հայտնի սահմաններում ընդլայնվել։ Բայց այստեղ խոսքը վերաբերում է կապիտալակուտակմանը՝ մասնահատուկ իմաստով, այնպես որ արտադրության ընդլայնումը պայմանավորված է հավելարժեքի՝ ավելադիր կապիտալ դառնալով, ուրեմն և արտադրության ընդլայնված կապիտալապատվանդանով։

Ոսկի արտադրողը կարող է յուր ոսկյա հավելարժեքի մի մասը կուտակել իբրև հնարավոր դրամակապիտալ. հենց որ սա հասնում է անհրաժեշտ չափերին, ապա նա կարող է այս ուղղակի փոխարկել նոր փոփոխուն կապիտալի՝ առանց այն բանի, որ ոսկի արտադրողը սրա համար ստիպված լինի առաջ յուր հավելարդյունքը ծախելու. նմանապես նա կարող է հիշյալը փոխարկել հաստատուն կապիտալի տարրերի։ Սակայն վերջին դեպքում նա պետք է յուր հաստատուն կապիտալի իրեղեն տարրերն առկա գտնի. ընդվորում նշանակություն չունի, թե ամեն մի արտադրող աշխատում է պահեստանոցո՞ւմ դարսելու համար և հետո է յուր պատրաստի ապրանքը շուկա բերում, ինչպես որ մինչայժմյան շարադրանքի ժամանակ ընդունել ենք, թե՞ պատվերի համար է աշխատում։ Երկու դեպքում էլ ենթադրվում է արտադրության իրական ընդլայնում, այսինքն հավելարդյունք, մի անգամ՝ իսկապես առկա, մյուս անգամ՝ հնարավորապես առկա, հետագայում մատակարարելի կերպարանքով։

II. ԿՈՒՏԱԿՈՒՄ II ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԵՋ

Մենք մինչև հիմա ենթադրել ենք, որ (I) A-ն, A՛-ն, A՛՛-ն իրենց հավելարդյունքը ծախում են B-ին, B՛-ին, B՛՛-ին և այլոց, որոնք նույն I ստորաբաժանմանն են պատկանում, բայց դնենք, թե A (I)-ը յուր հավելարդյունքը ոսկիացնում է II ստորաբաժանմանը պատկանող մի B-ի ծախելով։ Այս կարող է պատահել այն բանի հետևանքով միայն, որ A (I)-ը B (II)-ին արտադրամիջոցներ ծախելուց հետո այլևս սպառամիջոցներ չի գնում, ուրեմն այս բանը պատահում է նրա կողմից կատարված միակողմանի վաճառքի հետևանքով միայն։ Արդ, քանի որ IIc-ն ապրանքակապիտալի ձևից կարող է արտադրողական հաստատուն կապիտալի բնաձևին փոխարկվել լոկ նրանով, որ ոչ միայն Iv-ն, այլև Im-ի գոնե մի մասն էլ է փոխարկվում IIc-ի մեկ մասի,— իսկ այս IIc-ն գոյություն ունի սպառամիջոցների ձևով, բայց քանի որ A-ն յուր Im-ը նրանով է ոսկիացնում, որ այս փոխանակությունը չի կատարվում, այլ ընդհակառակը, մեր A-ն յուր Im–ը ծախելու ժամանակ II-ից ստացած դրամը դուրս է հանում շրջանառությունից՝ փոխանակ գնում անելով հիշյալը IIc սպառամիջոցների փոխարկելու,— ապա ուրեմն թեև A (I)-ի կողմում հավելադիր հնարավոր դրամակապիտալի գոյացումն է տեղի ունենում, սակայն մյուս կողմում էլ B (II)-ի հաստատուն կապիտալի՝ արժեծավալով մի նույնահավասար մաս ամրակայում է ապրանքակապիտալի ձևով՝ չկարողանալով արտադրողական, հաստատուն կապիտալի բնաձևին փոխարկվել։ Ուրիշ խոսքով՝ B (II)-ի ապրանքների մի մասն ու այն էլ prima facie [առաջին հայացքից, առաջին հերթին] այն մասը, առանց որի վաճառքի նրա հաստատուն կապիտալը չի կարող ամբողջովին հետփոխարկվել արտադրողական ձևի, անվաճառելի է դարձել. հետևաբար նրա վերաբերմամբ գերարտադրություն է տեղի ունենում, որը նույնպես նրա առնչությամբ արգելակում է — նույնիսկ միևնույն մասշտաբով վարվող — վերարտադրությունը։

Այս դեպքում ուրեմն A (I)-ի կողմում գտնվող ավելադիր հնարավոր դրամակապիտալը թեև հավելարդյունքի (հավելարժեքի) ոսկիացած ձևն է, բայց այստեղ հավելարդյունքը (հավելարժեքը), որպես այսպիսին քննած, պարզ վերարտադրության երևույթ է, ընդլայնված մասշտաբով վերարտադրության երևույթ չի դեռ։ I (v + m)-ը, որի m-ի մեկ մասին համենայն դեպս վերաբերում է այս դրույթը, վերջիվերջո պետք է փոխանակվի IIc-ի հետ, որպեսզի IIc-ի՝ միևնույն մասշտաբով վերարտադրությունը կատարվի, A (I)-ը յուր հավելարդյունքը B (II)-ին ծախելով սրան բնաձևով մատակարարել է հաստատուն կապիտալի մի համապատասխան մաս, բայց միևնույն ժամանակ դրամը դուրս հանելով շրջանառությունից — յուր վաճառքը հաջորդ գնմամբ լրացնելը զանց անելով — B (II)-ի արժեպես նույնահավասար մի ապրանքամասն անվաճառելի է դարձրել, հետևաբար եթե մենք նկատի ունենում ենք հասարակական ամբողջ վերարտադրությունը — որը հավասարապես ընդգրկում է I ու II կապիտալիստներին — ապա A (I)-ի հավելարդյունքի՝ հնարավոր դրամակապիտալի փոխարկվելն արտահայտում է B (II)-ի արժեծավալով նույնահավասար մի ապրանքակապիտալի ոչ-հետփոխարկելիությունն արտադրողական (հաստատուն) կապիտալի. ուրեմն արտահայտում է հնարավորապես ոչ թե ընդլայնված մասշտաբով արտադրություն, այլ պարզ վերարտադրության արգելակում, ուրեմն պարզ վերարտադրության մեջ պակասորդ։ Որովհետև A (I)-ի հավելարդյունքի գոյացումն ու վաճառքը բուն իսկ պարզ վերարտադրության նորմալ երևույթներ են, ապա հենց արդեն պարզ վերարտադրության հիմքի վրա մենք այստեղ ունենք միմյանց պայմանավորող հետևյալ երևույթները.— հնարավոր ավելադիր դրամակապիտալի գոյացում I դասակարգի մոտ (ուստի թերասպառում II-ի տեսակետից). II դասակարգի մոտ ապրանքապաշարների ամրակայում, որոնք չեն կարողանում հետփոխարկվել արտադրողական կապիտալի (ուրեմն հարաբերական գերարտադրություն II-ի մոտ). ավելցուկ դրամակապիտալ՝ I-ի մոտ ու վերարտադրության մեջ պակասորդ՝ II-ի մոտ։

Առանց այս կետի վրա ավելի երկար կանգ առնելու՝ նշենք հետևյալը միայն. պարզ վերարտադրության շարադրանքի ժամանակ ենթադրվում էր, որ I-ի ու II-ի ամբողջ հավելարժեքն է ծախսվում իբրև հասույթ։ Բայց իրականում հավելարժեքի մի մասը ծախսվում է որպես հասույթ, մյուս մասը կապիտալի է փոխարկվում։ Միմիայն այս ենթադրության դեպքումն է իսկական կուտակում տեղի ունենում։ Որ կուտակումն իբր թե սպառման հաշվին է կատարվում, սա — այսպես ընդհանրականորեն վերցրած — այնպիսի պատրանք է հենց, որը հակասում է կապիտալիստական արտադրության էությանը, որովհետև հիշյալ դրույթը ենթադրում է, որ կապիտալիստական արտադրության նպատակն ու առաջմղիչ մոտիվն սպառումն է, այլ ոչ թե հավելարժեք ձեռ բերելն ու սրա կապիտալացումը, այսինքն կուտակումը։



Հիմա մենք մի քիչ ավելի մոտից քննենք II ստորաբաժանման մեջ կատարվող կուտակումը։

IIc-ի առնչությամբ, այսինքն նրա՝ II ապրանքակապիտալի մեկ բաղադրամասից II հաստատուն կապիտալի բնաձևին հետփոխարկվելու առնչությամբ առաջին դժվարությունը վերաբերում է պարզ վերարտադրությանը։ Վերցնենք առաջվա սխեման.

(2 000 v + 2 000 m)-ը փոխանակվում է

2 000 IIc-ի հետ։

Արդ, եթե I հավելարդյունքի, օրինակ, կեսը, հետևաբար [math]\frac{1 \ 000}{2}[/math]m-ը կամ 500 Im-ը իբրև հաստատուն կապիտալ միակցվում է դարձյալ հենց I ստորաբաժանմանը, ապա հավելարդյունքի՝ I-ում հետ պահած այս մասը IIc-ի ոչ մի մասին փոխարինել չի կարող, I հավելարդյունքի հիշյալ մասը՝ փոխանակ սպառամիջոցների փոխարկվելու (իսկ այստեղ շրջանառության այս ստորաբաժանման մեջ — տարբերվելով այն ակտից, երբ 1 000 IIc-ն I բանվորների միջոցով փոխարինվում է 1 000 Iv-ով — իսկական փոխադարձ փոխանակություն, ուրեմն ապրանքների երկկողմանի տեղափոխություն է տեղի ունենում) պետք է հենց I-ում ծառայի որպես ավելադիր արտադրամիջոց։ Նա չի կարող այս ֆունկցիան միաժամանակ կատարել թե՛ I-ում ու թե II-ում։ Կապիտալիստը չի կարող յուր հավելարդյունքի արժեքն սպառամիջոցների վրա ծախսել և միաժամանակ հենց նույն հավելարդյունքն արտադրողաբար սպառել, այսինքն յուր արտադրողական կապիտալին միակցել։ Այսպիսով ուրեմն, 2 000 I (v + m)-ի փոխարեն միմիայն 1 500-ը, այն է՝ (1 000 v + 500 m) I-ը կարող է փոխարկվել 2 000 IIc-ի. հետևաբար 500 IIc-ն չի կարող յուր ապրանքաձևից հետփոխարկվել II արտադրողական (հաստատուն) կապիտալի։ Ուրեմն II-ում տեղի կունենար մի գերարտադրություն, որը յուր ծավալով ճիշտ համապատասխան կլիներ I-ում կատարված արտադրության ընդլայնման ծավալին։ II-ի գերարտադրությունը գուցե այնքան շատ կազդեր I-ի վրա, որ նույնիսկ I բանվորների կողմից II սպառամիջոցների վրա ծախսված 1 000-ի հետհոսումը մասամբ միայն տեղի կունենար, հետևաբար այս 1 000-ը փոփոխուն դրամակապիտալի ձևով չէր վերադառնա I կապիտալիստների ձեռը։ Ուրեմն այս վերջիններս կարգելակվեին նույնիսկ միևնույն մասշտաբով վերարտադրության գործում ու այն էլ՝ վերարտադրությունն ընդլայնելու սոսկական փորձի հետևանքով։ Եվ ընդսմին պետք է ուշադրության առնել, որ I-ում փաստորեն լոկ պարզ վերարտադրություն է տեղի ունեցել և որ այն տարրերը, ինչպես որ սրանք գտնվում են սխեմայի մեջ, ապագայում լինելիք, ասենք, հաջորդ տարում լինելիք մի ընդլայնման առնչությամբ լոկ խմբավորված են տարբեր կերպով։

Կարելի էր փորձել այս դժվարությունը շրջանցել այսպես. այն 500 IIc-ն, որ պառկած է կապիտալիստների պահեստանոցում և որն անմիջաբար չի կարողանում արտադրողական կապիտալի փոխարկվել, ոչ թե հեռու է գերարտադրություն լինելուց, այլ, ընդհակառակը, ներկայացնում է վերարտադրության մի անհրաժեշտ տարր, որը մինչև հիմա մենք անտեսել ենք։ Մենք տեսանք, որ պետք է բազմաթիվ կետերում դրամապաշար կուտակվի, ուրեմն շրջանառությունից հանվի՝ մասամբ նրա համար, որ հենց I-ի սահմաններում նոր դրամակապիտալի գոյացումը հնարավոր դարձվի, մասամբ էլ նրա համար, որ աստիճանաբար սպառվող հիմնական կապիտալի արժեքը ժամանակավորապես դրամաձևում պահվի։ Բայց որովհետև սխեմայի պատկերացման համաձայն ամբողջ դրամն ու բոլոր ապրանքները հենց այն գլխից բացառապես I ու II կապիտալիստների ձեռին են գտնվում — ո՛չ վաճառական, ո՛չ դրամառևտրական, ո՛չ բանկիր, ոչ էլ այնպիսի դասակարգեր գոյություն ունեն այստեղ, որոնք սոսկ սպառում են և անմիջաբար չեն մասնակցում ապրանքարտադրությանը — ուստի վերարտադրության մեխանիզմը շարժընթացքի մեջ պահելու համար նմանապես անհրաժեշտ է ապրանքապահեստների մշտական գոյացումը, այս դեպքում նրանց համապատասխան արտադրողների ձեռին։ Հետևաբար այն 500 IIc-ն, որ պառկած է II կապիտալիստների պահեստանոցում, սպառամիջոցների այն ապրանքապաշարն է ներկայացնում, որով միջնորդագործվում է վերարտադրության մեջ ներփակված սպառապրոցեսի շարունակականությունը, ուրեմն այս դեպքում մի տարուց դեպի մյուսը կատարվող անցումը։ Այն սպառաֆոնդը, որ այստեղ դեռ յուր վաճառորդների ու միաժամանակ արտադրողների ձեռին է գտնվում, չի կարող այս տարի մինչև զրոն իջնել, որ հաջորդ տարին էլ զրոյով սկսի, ճիշտ ինչպես որ այս բանը չի կարող պատահել այսօրվանից էգուցվանն անցնելու ժամանակ։ Որովհետև այսպիսի ապրանքապահեստանոցների միշտ նորից, թեկուզ հենց չփոփոխված ծավալով, գոյացումը պետք է տեղի ունենա, ուստի մեր II կապիտալիստական արտադրողները պիտի մի դրամապահեստակապիտալ ունենան, որը նրանց ունակ է դարձնում իրենց արտադրապրոցեսը շարունակելու, չնայած որ նրանց արտադրողական կապիտալի մի մասը ժամանակավորապես ամրակայված է ապրանքաձևում։ Չէ՞ որ ենթադրության համաձայն նրանք իրենց ձեռքում միացնում են վաճառականական ամբողջ գործն արտադրության ամբողջ գործի հետ. ուրեմն նրանք պետք է իրենց տրամադրության տակ ունենան այն ավելադիր դրամակապիտալն էլ, որը վերարտադրապրոցեսի առանձին ֆունկցիաների՝ կապիտալիստների տարբեր տեսակների միջև բաշխվելով ինքնակա դառնալու ժամանակ վաճառականների ձեռին է գտնվում։

Սրան պետք է առարկել հետևյալը. 1) այսպիսի պաշարագոյացումն ու սրա անհրաժեշտությունը վերաբերում է բոլոր կապիտալիստներին էլ, ինչպես I-ին, այնպես էլ II-ին։ Նրանք, իբրև սոսկ ապրանքավաճառներ քննած, լոկ նրանով են տարբերվում իրարից, որ տարբեր տեսակի ապրանքներ են ծախում։ II ապրանքների ձևով եղած պաշարը ենթադրում է I ապրանքների ձևով մի նախնական պաշար։ Եթե մենք մի կողմում անտեսում ենք այս պաշարը, ապա պետք է նույնն անենք մյուս կողմում էլ։ Իսկ եթե մենք երկու կողմում էլ ուշադրության ենք առնում հիշյալը, ապա առեղծվածն ամենևին չի փոխվում։— 2) Ինչպես որ այս տարին II-ի կողմում ավարտվում է հաջորդ տարվա համար մնացող մի ապրանքապաշարով, այնպես էլ նա միևնույն կողմում սկսվել էր նախընթաց տարվանից թողնված մի ապրանքապաշարով։ Հետևաբար տարեկան վերարտադրությունը — սրա ամենավերացական արտահայտությանը վերածած կերպարանքով — վերլուծելու ժամանակ մենք պետք է հիշյալ ապրանքապաշարը ջնջենք երկու կողմում էլ։ Եթե մենք այս տարվան ենք վերագրում սրա ամբողջ արտադրությունը, ուրեմն նաև այն, ինչ որ սա հաջորդ տարուն է հանձնում իբրև ապրանքապաշար, բայց մյուս կողմից էլ մենք նրանից հանում ենք այն ապրանքապաշարը, որ նա ստացել է նախորդ տարվանից, ապա իրոք մեկ միջին տարվա ամբողջ արդյունքն ենք ունենում մեր առջև որպես վերլուծության առարկա։— 3) Այն հասարակ հանգամանքը, որ մեր շրջանցելի դժվարությունը մեր հանդեպ չծառացավ պարզ վերարտադրությունը հետազոտելու ժամանակ, ապացուցում է, որ բանը վերաբերում է մեկ մասնահատուկ երևույթի, որը յուր ծագմամբ պարտական է I տարրերի (վերարտադրության կապակցությամբ կատարվող) տարբեր խմբավորմանը միայն, փոփոխված մի խմբավորման, առանց որի չէր կարող ոչ մի ընդլայնված մասշտաբով վերարտադրություն տեղի ունենալ առհասարակ։

III. ԿՈՒՏԱԿՄԱՆ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ

Հիմա մենք քննենք վերարտադրությունը հետևյալ սխեմայով.

Սխեմա a) I. 4 000 c + 1 000 v + 1 000 m = 6 000 Գումարը = 8 252։
II. 1 500 c + 376 v + 376 m = 2 252

Ամենից առաջ նկատվում է, որ հասարակական տարեկան արդյունքի ամբողջ գումարը = է 8 252, ավելի քիչ, քան առաջին սխեմայում, որտեղ նա = էր 9 000-ի։ Մենք բոլորովին նույն կերպ կարող էինք վերցնել շատ ավելի մեծ մի գումար, ասենք, տասնապատկել այն։ I սխեմայում եղածից ավելի փոքր մի գումար է ընտրված՝ հենց ակնբախ դարձնելու համար, որ ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը (որն այստեղ մենք հասկանում ենք իբրև ավելի խոշոր կապիտալաներդրումով վարվող արտադրություն) ոչ մի գործ չունի արդյունքի բացարձակ մեծության հետ, նա տվյալ արդյունքի տարբեր տարրերի լոկ մի տարբեր տեղաբաշխում ու ֆունկցիապես տարբեր նախանշում է ենթադրում տվյալ մի ապրանքամասսայի համար, և որ հետևաբար նա ըստ արժեծավալի ամենից առաջ պարզ վերարտադրություն է միայն։ Փոխվում է պարզ վերարտադրության տվյալ տարրերի ոչ թե քանակը, այլ որակային նախանշումը, և այս փոփոխությունը հետագայում հաջորդող ընդլայնված մասշտաբով վերարտադրության նյութական նախադրյալն է։[28]

Մենք կարող էինք սխեման ուրիշ կերպ ներկայացնել փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև եղող տարբեր հարաբերությունների դեպքում. օրինակ, այսպես.

Սխեմա b) I. 4 000 c + 875 v + 875 m = 5 750 Գումարը = 8 252։
II. 1 750 c + 376 v + 376 m = 2 502

Այս կերպարանքով սխեման կներկայանար իբրև պարզ մասշտաբով վերարտադրության համար տեղաբաշխված, այնպես որ հավելարժեքն ամբողջովին կծախսվեր որպես հասույթ և չէր կուտակվի։ Երկու դեպքում էլ, ինչպես a)-ի, այնպես էլ b)-ի մեջ մենք ունենք տարեկան մի արդյունք, միևնույն արժեծավալով, մենակ թե մի անգամ b)-ի մեջ նրա տարրերն այնպիսի ֆունկցիոնալ խմբավորում ունեն, որ վերարտադրությունն էլի սկսում է միևնույն մասշտաբով, մինչդեռ a)-ում նույն տարեկան արդյունքը կազմում է ընդլայնված մասշտաբով վերարտադրության նյութական պատվանդանը։ Եվ այսպես, b)-ում (875 v + 575 m) = 1 750 I (v + m)-ն առանց ավելցուկի փոխանակվում է 1 750 IIc-ի հետ, այնինչ a)-ում (1 000 v + 1 000 m) I = 2 000 I (v + m)-ը 1 500 IIc-ի հետ փոխանակվելու ժամանակ 500 Im-ի չափով մի ավելցուկ է թողնում I դասակարգում լինելիք կուտակման համար։

Հիմա դիմենք a) սխեման ավելի մոտից վերլուծելուն։ Ենթադրենք, թե ինչպես I-ում, այնպես էլ II-ում հավելարժեքի մի կեսն իբրև հասույթ ծախսվելու փոխարեն կուտակվում է, այսինքն ավելադիր կապիտալի տարրի է փոխարկվում։ Որովհետև 1 000 Im-ի կեսը, որ = 500, պետք է կուտակվի այս կամ թե այն ձևով, որպես ավելադիր կապիտալ, այսինքն պիտի ավելադիր արտադրողական կապիտալի փոխարկվի, ապա միմիայն (1 000 v + 500 m) I-ն է իբրև հասույթ ծախսվում։ Ուստի այստեղ որպես IIc-ի նորմալ մեծություն էլի միմիայն 1 500-ն է կերպակայում։ 1 500 I (v + m)-ի ու 1 500 IIc-ի միջև կատարվող փոխանակությունը կարիք չկա հանգամանորեն հետազոտելու, որովհետև սա իբրև պարզ վերարտադրության պրոցես արդեն նկարագրել ենք. նույնպես ուշադրության չենք առնում 4 000 c-ն էլ, որովհետև նրա վերատեղաբաշխումը նոր սկսվող վերարտադրության համար (որն այս անգամ տեղի է ունենում ընդլայնված մասշտաբով) նույնպես հետազոտել ենք որպես պարզ վերարտադրության պրոցես։

Այսպիսով ուրեմն, միակ բանը, որ մնում է հետազոտելու, 500 Im-ն ու (376 v + 376 m) II-ն է, որչափով ուշադրության առնվում են մի կողմից՝ թե I-ի ու թե II-ի ներքին հարաբերությունները, մյուս կողմից՝ երկսի միջև կատարվող շարժումը։ Որովհետև ենթադրվում է, որ II-ում էլ պետք է հավելարժեքի կեսը կուտակվի, ուստի այստեղ կապիտալի փոխարկվելու է 188-ը, որից ¼ = 47-ը՝ փոփոխուն կապիտալի, կլոր թիվ ստանալու համար ասենք 48-ը. հաստատուն կապիտալի փոխարկվելու մնում է 140։

Մենք այստեղ բաղխվում ենք մի նոր առեղծվածի, որի սոսկ գոյությունը պետք է տարօրինակ թվա ընթացիկ այն հայացքին, ըստ որի մի տեսակի ապրանքները սովորաբար փոխանակվում են ուրիշ տեսակի ապրանքների հետ, ditto [նույնպես էլ] ապրանքները փողի հետ ու միևնույն փողն էլի ուրիշ տեսակի ապրանքի հետ, 140 IIm-ը լոկ այն հանգամանքի շնորհիվ կարող է արտադրողական կապիտալի փոխարկվել, որ նա Im ապրանքների՝ միևնույն արժեգումարն ունեցող մի մասով է փոխարինվում։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Im-ի այս մասը, որ փոխանակվելու է IIm-ի հետ, պետք է կազմված լինի այնպիսի արտադրամիջոցներից, որոնք կարող են մտնել թե՛ I-ի ու թե II-ի, կամ էլ բացառապես միմիայն II-ի արտադրության մեջ։ Այս փոխարինումը կարող է տեղի ունենալ II-ի կողմից կատարվող միակողմանի գնումով միայն, որովհետև ամբողջ 500 Im հավելարդյունքը, որ դեռ քննարկելու ենք, պետք է ծառայի I-ի սահմաններում կատարվող կուտակման համար, ուրեմն չի կարող փոխանակվել II ապրանքների հետ. ուրիշ խոսքով՝ I-ը չի կարող այս 500 Im-ը միաժամանակ թե՛ կուտակել ու թե՛ ուտել։ Հետևաբար II-ը պետք է 140 Im-ը կանխիկ դրամով գնի, ընդվորում այս փողը հետ չի հոսելու նրա մոտ՝ հաջորդ անգամ յուր ապրանքն I-ին ծախելու միջոցով։ Եվ այն էլ կա, որ սա տարեկան յուրաքանչյուր նոր արտադրության ժամանակ կրկնվող մի մշտական պրոցես է, որչափով որ այս արտադրությունը վերարտադրություն է ընդլայնված մասշտաբով։ II-ի սահմաններում հապա ո՞րտեղից է բղխում դրամաղբյուրը սրա համար։

II-ն, ընդհակառակը, մի բոլորովին ամուլ դաշտ է թվում իսկական կուտակմանն ուղեկցող ու կապիտալիստական արտադրության ժամանակ կուտակումը պայմանավորող նոր դրամակապիտալի գոյացման համար, որը փաստորեն իբրև հասարակ գանձագոյացում է ներկայանում ամենից առաջ։

Նախ մենք ունենք 376 IIv. աշխատույժի համար կանխավճարված 376-անոց դրամակապիտալը II ապրանքների գնման հետևանքով միշտ վերադառնում է II կապիտալիստին իբրև դրամաձև ունեցող փոփոխուն կապիտալ։ Ելակետից — կապիտալիստի գրպանից — չվող ու միշտ կրկնվող այս հեռացումն ու վերադարձը դեպի նա ոչ մի կերպ չի շատացնում այս շրջապտույտի մեջ թրև եկող դրամը։ Ուրեմն սա դրամակուտակման աղբյուր չի ամենևին. այս փողը չի էլ կարող դուրս հանվել այս շրջանառությունից՝ գանձացված, հնարավարապես նոր դրամակապիտալ կազմելու համար։

Բայց կա՛ց. արդյոք չի՞ կարելի այստեղ մի պստլիկ շահույթ ճանկել։

Մենք պիտի չմոռանանք, որ II դասակարգն այն առավելությունն ունի I դասակարգի հանդեպ, որ նրա բանեցրած բանվորները հենց իրենց արտադրած ապրանքները պետք է դարձյալ նրանից գնեն։ II դասակարգն աշխատույժի գնորդ է և միաժամանակ ապրանքների վաճառորդ է յուր բանեցրած աշխատույժի տերերին։ Հետևաբար II դասակարգը կարող է

1) պարզապես աշխատավարձն իջեցնել սրա նորմալ միջին բարձրությունից ցած, և այս բանը II դասակարգի ու I դասակարգի համար ընդհանուր գիծ է։ Այս իջեցման հետևանքով ազատ արձակվում է իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև գործող փողի մի մասը, և սա այս պրոցեսի մշտապես կրկնվելու դեպքում կարող էր դառնալ II դասակարգի սահմաններում գանձագոյացման, ուրեմն նաև հնարավոր ավելադիր դրամակապիտալի գոյացման մի նորմալ աղբյուր։ Այստեղ, որտեղ խոսքը նորմալ կապիտալագոյացման մասին է, մենք իհարկե գործ չունենք պատահական չարաշահական շահույթի հետ։ Բայց չպետք է մոռանալ, որ իսկապես վճարված նորմալ աշխատավարձը (որով ceteris paribus [հավասար պայմաններում] որոշվում է փոփոխուն կապիտալի մեծությունը) կապիտալիստների բարեսրտությունից չի ամենևին, որ վճարվում է, այլ որովհետև տվյալ պայմաններում պետք է որ վճարվի։ Սրանով մի կողմ է ծալվում բացատրության այս եղանակը։ Եթե մենք ենթադրում ենք, որ 376 v-ն II դասակարգի կողմից ծախսվելիք փոփոխուն կապիտալն է, ապա մեր հանդեպ նոր ծառացած առեղծվածը պարզաբանելու համար մենք չպետք է հանկարծակի ներխցկենք այն վարկածը, թե II դասակարգն, ասենք, միմիայն 350 v է կանխավճարում ու ոչ թե 376 v։

2) Բայց մյուս կողմից՝ II դասակարգն իբրև ամբողջություն քննած, ինչպես ասեցինք, I դասակարգի հանդեպ այն առավելությունն ունի, որ նա միաժամանակ թե՛ աշխատույժի գնորդ է ու թե՛ վերավաճառորդ յուր ապրանքի, որը նա ծախում է հենց սեփական բանվորներին։ Իսկ թե այս պարագան ինչպես կարող է շահագործվել — թե ինչպես նորմալ աշխատավարձ կարող է վճարվել անվանապես, բայց իրականում աշխատավարձի մի մասը կարող է առանց համապատասխան ապրանքահամարժեքի էլի հետ շորթվել, alias [ուրիշ խոսքով ասած] հետգողացվել, թե ինչպես այս կարող է գլուխ բերվել մասամբ truck-system [բառացի նշանակում է՝ հնարքների սիստեմ, խաբեբայությունների սիստեմ]-ի միջոցով, մասամբ էլ շրջանառության միջոցի կեղծումով (եթե սա գուցե նույնիսկ հավաստել չի կարելի օրինապես),— այս բոլորի մասին ամենաշոշափելի տվյալներ կան ամեն մի արդյունաբերական երկրում։ Օրինակ, Անգլիայում ու Միացյալ Նահանգներում։ (Այս առթիվ մի քիչ պետք է ճոխացնել այս կետը պատշաճ օրինակներով։) Այս՝ միևնույն գործառնությունն է, ինչ որ 1)-ումն էր, միայն թե վարագուրված ու մի կողմնակի ճանապարհով գործադրված։ Հետևաբար սա նույնքան մերժելի է, որ քան և նա։ Այստեղ բանը վերաբերում է իրապես ու ոչ թե անվանապես վճարված աշխատավարձին։

Մենք տեսնում ենք, որ կապիտալիստական մեխանիզմի օբյեկտիվ վերլուծության ժամանակ չպետք է օգտվել նույն մեխանիզմին դեռ արտակարգորեն կպած հայտնի արատաբծերից իբրև թեորիական դժվարությունները վերացնելու ելքերից։ Բայց իմ բուրժուական քննադատների խոշոր մեծամասնությունը զարմանալի կերպով աղմկում է, որ ես «Կապիտալի» I գրքում այն ենթադրությամբ, թե կապիտալիստն աշխատույժի իսկական արժեքն է վճարում, մի բան, որ նա մեծ մասամբ չի անում,— մի անարդարություն եմ արել միևնույն կապիտալիստների վերաբերմամբ։ (Այստեղ կարելի է ինձ վերագրված՝ մեծահոգությամբ մեջբերումներ անել Շեֆֆլեյից։)

Այսպես ուրեմն, 376 IIv-ից ոչինչ չի կարելի դուրս բերել հիշյալ նպատակի համար։

Բայց է՛լ ավելի դժվարին է թվում բանը 376 IIm-ի վերաբերմամբ։ Այստեղ իրար հանդիպակայում են միևնույն դասակարգի կապիտալիստները միայն, որոնք իրենց արտադրած սպառամիջոցները միմյանց են ծախում փոխադարձորեն և իրարից գնում։ Այս փոխանակության համար անհրաժեշտ դրամը լոկ իբրև շրջանառության միջոց է գործում և նորմալ ընթացքի ժամանակ պետք է մասնակիցներին վերադառնա այն չափով, որով սրանք փողը կանխավճարել էին շրջանառության համար, վերադառնա՝ միշտ նորից ու նորից միևնույն ուղին կտրել-անցնելու համար։

Թվում է, թե հնարավոր ավելադիր դրամակապիտալ գոյացնելու համար այս փողը շրջանառությունից դուրս կորզելը միմիայն երկու ճանապարհով է կարելի։ Կա՛մ II կապիտալիստների մի մասը խաբում է մյուսներին և այսպիսով դրամակողոպուտ է անում։ Նոր դրամակապիտալ գոյացնելու համար, ինչպես գիտենք, շրջանառու միջոցի նախընթաց ընդլայնում անհրաժեշտ չի ամենևին. սրա համար ուրիշ ոչինչ հարկավոր չի, քան այն, որ հայտնի կողմերից դրամ դուրս կորզվի շրջանառությունից և ամբարվի որպես գանձ։ Որ փողը կարող է գողացվել, և ուրեմն II կապիտալիստների մի մասի մոտ ավելադիր դրամակապիտալի գոյացումը կարող է շաղկապված լինել նրանց մի ուրիշ մասի դրական դրամակորուստի հետ,— այս հանգամանքը գործին չէր վերաբերի ամենևին։ II կապիտալիստների խաբված մասն ստիպված կլիներ, ասենք, մի քիչ ավելի պակաս շվայտ կյանք անելու, բայց հենց այս էլ կլիներ բոլորը։

Կամ թե չէ՝ IIm-ի մեկ մասը, որ անհրաժեշտ կենսամիջոցների մեջ է ներկայանում, II ստորաբաժանման սահմաններում ուղղակի է փոխարկվում նոր փոփոխուն կապիտալի։ Թե այս ինչպես է լինում, մենք կհետազոտենք այս գլխի վերջում (№ 4-ի տակ)։

1) Առաջին օրինակ

A) Պարզ վերարտադրության սխեմա

I. 4 000 c + 1 000 v + 1 000 m = 6 000 Գումարը = 9 000։
II. 2 000 c + 500 v + 500 m = 3 000

B) Ելակետային սխեմա ընդլայնված մասշտաբով կուտակման համար

I. 4 000 c + 1 000 v + 1 000 m = 6 000 Գումարը = 9 000։
II. 1 500 c + 750 v + 750 m = 3 000

Եթե ընդունենք, որ B սխեմայում կուտակվում է I հավելարժեքի կեսը, հետևաբար 500-ը, ապա կստանանք ամենից առաջ այն, որ (1 000 v + 500 m) I-ը կամ 1 500 I (v + m)-ը պետք է փոխարինել 1 500 c-ով. այս դեպքում I-ում մնում է 4 000 c + 500 m, և այս վերջինս է կուտակվելու։ (1 000 v + 500 m) I-ը 1 500 IIc-ով փոխարինելը պարզ վերարտադրության մի պրոցես է, և վերջինիս ժամանակ մենք արդեն պարզաբանել ենք այն։

Ընդունենք, որ 500 Im-ից 400-ը պետք է հաստատուն կապիտալի փոխարկել, 100-ը՝ փոփոխուն կապիտալի։ Մենք արդեն քննարկել ենք I-ի սահմաններում այն 400 m-ի տեղափոխումը, որն այսպիսով պետք է կապիտալացվի. 400 m-ն առանց այլևայլության կարող է կցվել Ic-ին, և այն ժամանակ մենք I-ի համար կստանանք

4 400 c + 1 000 v + 100 m (որը պետք է փոխարկվի 100 v-ի)։

II-ը յուր հերթին կուտակման նպատակով I-ից գնում է 100 Im-ը (որ գոյություն ունի արտադրամիջոցների ձևով), որը հիմա կազմում է II-ի ավելադիր հաստատուն կապիտալը, մինչդեռ այն 100-ը դրամով, որ նա վճարում է հիշյալի դիմաց, փոխարկվում է I-ի ավելադիր փոփոխուն կապիտալի դրամաձևի։ Այս դեպքում մենք I-ի համար ունենում ենք մի այսպիսի կապիտալ, 4 400 c + 1 100 v (վերջինս փողով) = 5 500։

Հիմա II-ը հաստատուն կապիտալի համար ունի 1 600 c. նա սրա վերամշակման համար պիտի ավելացնի էլի 50 v դրամով՝ նոր աշխատույժ գնելու նպատակով, այնպես որ նրա փոփոխուն կապիտալը 750-ից աճելով հասնում և 800-ի։ II-ի թե՛ հաստատուն ու թե՛ փոփոխուն կապիտալի՝ ընդամենը 150-ի չափով այս ընդարձակումը ծածկվում է նրա հավելարժեքից վերցվելով. հետևաբար 750 IIm-ից մնում է լոկ 600 m-ն իբրև սպառաֆոնդ II կապիտալիստների, որոնց տարեկան արդյունքն այժմ բաշխվում է հետևյալ կերպով.

II. 1 600 c + 800 v + 600 m (սպառաֆոնդ) = 3 000։

Իբրև սպառամիջոցներ արտադրված 150 m-ը, որն այստեղ փոխարկվում է (100 c + 50 v) II-ի, յուր բնաձևով ամբողջովին մտնում է բանվորների սպառման մեջ. 100-ն սպառվում է I-ի բանվորների կողմից (100 Iv), իսկ 50-ը՝ II-ի բանվորների կողմից (50 IIv), ինչպես շարադրված է վերևում։ Իրոք, II-ում, որտեղ նրա ամբողջ արդյունքը պատրաստվում է կուտակման համար անհրաժեշտ մի ձևով, հավելարժեքի՝ 100-ով շատացած մասը պետք է վերարտադրվի անհրաժեշտ սպառամիջոցների ձևով։ Եթե ընդլայնված մասշտաբով վերարտադրություն է սկսվում իրոք, ապա I-ի 100-անոց փոփոխուն դրամակապիտալը նրա բանվոր դասակարգի ձեռներով անցնելով հետ է հոսում II-ի մոտ, որը 100 m-ն, ընդհակառակը, ապրանքապաշարի ձևով փոխանցում է I-ին և միաժամանակ 50-ն էլ իբրև ապրանքապաշար տալիս է յուր սեփական բանվոր դասակարգին։

Կուտակման նպատակով փոփոխված տեղաբաշխումը հիմա այս կերպարանքն ունի.

I. 4 400 c + 1 100 v + 500 սպառաֆոնդ = 6 000
II. 1 600 c + 800 v + 600 սպառաֆոնդ = 3 000
Գումարը 9 000, ինչպես վերևում է։

Սրանից կապիտալ են.—

I. 4 400 c + 1 100 v (փող) = 5 500 = 7 900։
II. 1 600 c + 800 v (փող) = 2 400

մինչդեռ արտադրությունն սկսվեց հետևյալով.

I. 4 000 c + 1 000 v = 5 000 = 7 250
II. 1 500 c + 750 v = 2 250

Արդ, եթե իրական կուտակումն այս պատվանդանի վրա խարսխված է կատարվում, այսինքն հիմա իսկապես արտադրվում է այս շատացած կապիտալով, ապա հաջորդ տարվա վերջում մենք ստանում ենք.—

I. 4 400 c + 1 100 v + 1 100 m = 6 600 = 9 800։
II. 1 600 c + 800 v + 800 m = 2 000

Այժմ կուտակումն I-ում կշարունակվի միևնույն համամասնությամբ. ուրեմն 550 m-ը ծախսվում է իբրև հասույթ, 550 m-ը կուտակվում է։ Այս դեպքում ամենից առաջ 1 100 Iv-ն փոխարինվում է 1 100 Ic-ով, այնուհետև դեռ 550 Im-ն էլ պետք է իրացվի II ապրանքների մի նույնահավասար գումարով. Հետևաբար ընդամենը 1 650 I (v + m)։ Բայց II-ի փոխարինելի հաստատուն կապիտալը = է միմիայն 1 600-ի. ուրեմն մնացած 50-ը լրացվելու է 800 IIm-ից։ Եթե մենք այստեղ նախ անտեսենք փողը, ապա իբրև այս գործարքի հետևանք կունենանք.—

I. 4 400 c + 550 m (որը պետք է կապիտալացվի). սրա կողքին՝ կապիտալիստների ու բանվորների սպառաֆոնդի ձևով 1 650 (v + m), որն իրացված է՝ IIc ապրանքների փոխարկելով։

II. 1 650 c (այն է՝ 50-ը վերևում ասածի համաձայն ավելացված է IIm-ից) + 800 v + 750 m (կապիտալիստների սպառաֆոնդ)։

Բայց եթե II-ում v-ի՝ c-ի նկատմամբ ունեցած հին հարաբերությունն է մնում, ապա 50 c-ի համար դեռ 25 v էլ պիտի ծախսվի. այս վերցվելու է 750 m-ից. հետևաբար մենք ստանում ենք

II. 1 650 c + 825 v + 725 m։

I-ում կապիտալացվելու է 550 m. եթե առաջվա հարաբերությունն է մնում, ապա սրանից 440-ը կազմում է հաստատուն կապիտալ, իսկ 110-ը՝ փոփոխուն կապիտալ։ Այս 110-ը հնարավորապես ձեռք է բերվելու 725 IIm-ից, այսինքն 110-անոց արժեքի սպառամիջոցներն I բանվորների կողմից են սպառվում՝ II կապիտալիստների կողմից սպառվելու փոխարեն. ուրեմն այս վերջիններն ստիպված են կապիտալացնելու այս 110 m-ը, որը նրանք սպառել չեն կարող։ Սրա հետևանքով 725 IIm-ից մնում է 615 IIm։ Բայց եթե II-ն այս եղանակով ավելադիր հաստատուն կապիտալի է փոխարկում այս 110-ը, ապա նա կարիք ունի 55-անոց մի նոր ավելադիր փոփոխուն կապիտալի. սա էլի նրա հավելարժեքից պետք է վերցվի. 615 IIm-ից հանելով հիշյալը՝ II կապիտալիստների սպառման համար մնում է 560. և մենք բոլոր գործուն ու պոտենցիալ փոխանցումները կատարելուց հետո ստանում ենք հիմա այսպիսի կապիտալարժեք.

I. (4 400 c + 440 c) + (1 100 v + 110 v) = 4 840 c + 1 210 v = 6 050
II. (1 600 c + 50 c + 110 c) + (800 v + 25 v + 55 v) = 1 760 c + 880 v = 2 640
8 690 ։

Որպեսզի բանը նորմալ գնա, կուտակումը պետք է II-ում ավելի արագ կատարվի, քան I-ում, որովհետև I (v + m)-ի այն մասը, որը փոխանակվելու է II c ապրանքների հետ, հենց ավելի արագ է աճում, քան II c-ն, որի հետ միայն կարող է փոխանակվել նա։

Եթե վերարտադրությունն այս պատվանդանի վրա խարսխված ու այլ անփոփոխ հանգամանքներում շարունակվում է, ապա հաջորդ տարվա վերջում մենք ստանում ենք

I. 4 840 c + 1 210 v + 1 210 m = 7 260 = 10 780։
II. 1 760 c + 880 v + 880 m = 3 520

Հավելարժեքի բաժանման անփոփոխ նորմայի դեպքում I-ի կողմից նախ պետք է իբրև հասույթ ծախսվի 1 210 v-ն ու m-ի կեսը = 605, ընդամենը 1 815։ Այս սպառաֆոնդը 55-ով դարձյալ ավելի մեծ է II c-ից։ 55-ը պետք է հանել 880 m-ից, մնում է 825։ Եթե 55 IIm-ը IIc-ի է փոխարկվում, ապա այս ենթադրում է IIm-ից մի նոր հանուրդ՝ համապատասխան փոփոխուն կապիտալի համար = 27½. սպառելու մնում է 797½ IIm։

Հիմա I-ում պետք է կապիտալացվի 605 m. սրանից՝ հաստատուն կապիտալ 484, և փոփոխուն՝ 121. վերջինս վերցվելու է IIm-ից, որն այժմ արդեն = է 797½, մնում է 676½ IIm։ Այսպիսով ուրեմն, II-ը հաստատուն կապիտալի է փոխարկում էլի 121 և սրա համար կարիք ունի նոր փոփոխուն կապիտալի = 60½. այս նույնպես 676½-ից է դուրս գալիս, սպառելու մնում է 616։

Այն ժամանակ մենք ունենում ենք այսպիսի կապիտալ.

I. Հաստատուն՝ 4 840 + 484 = 5 324.
փոփոխուն՝ 1 210 + 121 = 1 331։
II. Հաստատուն՝ 1 760 + 55 + 121 = 1 936.
փոփոխուն՝ 880 + 27½ + 60½ = 968։
Ընդամենը I. 5 324 c + 1 331 v = 6 655 = 9 559
II. 1 936 c + 968 v = 2 904

իսկ տարվա վերջում այսպիսի արդյունք.

I. 5 324 c + 1 331 v + 1 331 m = 7 986 = 11 858։
II. 1 936 c + 968 v + 968 m = 3 872

Միևնույն հաշիվը կրկնելով ու կոտորակները կլորացնելով մենք հետևյալ տարվա վերջում ստանում ենք մի այսպիսի արդյունք.

I. 5 856 c + 1 464 v + 1 464 m = 8 784 = 13 043։
II. 2 129 c + 1 065 v + 1 065 m = 4 259

Իսկ նրա հաջորդ տարվա վերջում

I. 6 442 c + 1 610 v + 1 610 m = 9 662 = 14 348։
II. 2 342 c + 1 172 v + 1 172 m = 4 686

Ընդլայնված մասշտաբով քառամյա վերարտադրության ընթացքում I-ի ու II-ի ամբողջ կապիտալը 5 400 c + 1 750 v = 7 150-ից բարձրացել է 8 784 c + 2 782 v = 11 566-ի, ուրեմն 100 : 160 հարաբերությամբ։ Ամբողջ հավելարժեքը նախապես 1 750 էր, հիմա 2 782 է։ Սպառված հավելարժեքն սկզբում 500 էր I-ի համար ու 535՝ II-ի համար, ընդամենը = 1 035. վերջին տարում նա 732 էր I-ի համար ու 958՝ II-ի համար, ընդամենը = 1 690։ Հետևաբար նա աճել է 100 : 163 հարաբերությամբ։

2) Երկրորդ օրինակ

Հիմա մենք 9 000-անոց տարեկան արդյունքը, որ ամբողջովին գտնվում է արդյունաբերական կապիտալիստների դասակարգի ձեռին իբրև ապրանքակապիտալ, վերցնենք մի այնպիսի ձևով, որտեղ փոփոխուն ու հաստատուն կապիտալի ընդհանրական միջին հարաբերությունը 1 : 5 հարաբերությունն է։ Այս ենթադրում է կապիտալիստական արտադրության արդեն նշանավոր զարգացում ու սրա համապատասխան էլ հասարակական աշխատանքի արտադրողական ույժի զարգացում, արտադրամասշտաբի արդեն նախընթաց նշանավոր ընդլայնում, վերջապես այն բոլոր հանգամանքների զարգացում, որոնք մի հարաբերական գերբնակչություն են ստեղծում բանվոր դասակարգի մեջ։ Այս դեպքում տարեկան արդյունքը, կոտորակները կլորացնելուց հետո, կբաշխվի հետևյալ կերպով.

I. 5 000 c + 1 000 v + 1 000 m = 7 000 = 9 000։
II. 1 430 c + 285 v + 285 m = 2 000

Այժմ ենթադրենք, թե I կապիտալիստների դասակարգն սպառում է հավելարժեքի կեսը = 500 և կուտակում է մյուս կեսը։ Այն ժամանակ (1 000 v + 500 m) I = 1 500-ը պետք է փոխանակվեր 1 500 IIc-ի հետ։ Որովհետև այստեղ IIc = է միմիայն 1 430-ի, ուստի 70-ը պետք է հավելարժեքից ավելացնել. այս հանելով 285 IIm-ից՝ մնում է 215 IIm։ Հետևաբար մենք ստանում ենք

I. 5 000 c + 500 m (կապիտալացնելու համար) + 1 500 (v + m)-ն իբրև կապիտալիստների ու բանվորների սպառաֆոնդ։

II. 1 430 c + 70 m (կապիտալացնելու համար) + 285 v + 215 m։

Որովհետև այստեղ 70 IIm-ն ուղղակի կցվում է IIc-ին, ուստի այս ավելադիր հաստատուն կապիտալը շարժման մեջ դնելու համար պահանջվում է [math]^{70}_5[/math]-անոց մի փոփոխուն կապիտալ = 14. ուրեմն այս 14-ն էլ դարձյալ 225 IIm-ից է դուրս գալիս. մնում է 201 IIm, և մենք ունենում ենք

II. (1 430 c + 70 c) + (285 v + 14 v) + 201 m։

1 500 I (v + ½m)-ի՝ 1 500 IIc-ի հետ փոխանակվելը հասարակ կուտակման մի պրոցես է, և այս չափով էլ նրա մասին խոսել-պրծել ենք։ Սակայն այստեղ դեռ մի քանի առանձնահատկություններ էլ պետք է նշել, որոնք նրանից են առաջ գալիս, որ կուտակող վերարտադրության ժամանակ I (v + ½m)-ը փոխարինվում է ոչ թե մենակ IIc-ով, այլ IIc-ով ու պլյուս IIm-ի մեկ մասով։

Որ կուտակում ենթադրելու դեպքում (v + m)-ն ավելի մեծ է լինում IIc-ից և ոչ թե IIc-ին հավասար, ինչպես որ էր պարզ վերարտադրության մեջ,— այս ինքնին հասկանալի է, որովհետև 1) I-ը յուր հավելարդյունքի մեկ մասը յուր սեփական արտադրողական կապիտալին է միակցում և նրա [math]^5/_6[/math]-ը փոխարկում է հաստատուն կապիտալի, ուրեմն նա չի կարող այս [math]^5/_6[/math]-ը միաժամանակ փոխարինել II սպառամիջոցներով. 2) I-ը յուր հավելարդյունքից պետք է II-ի սահմաններում կատարվող կուտակման համար անհրաժեշտ հաստատուն կապիտալի նյութը մատակարարի, ճիշտ ինչպես որ II-ը պիտի I-ին մատակարարի նյութն այն փոփոխուն կապիտալի համար, որով շարժման մեջ է դրվելու I-ի հավելարդյունքի այն մասը, որ հենց ինքն I-ը կիրառում է իբրև հաստատուն հավելակապիտալ։ Մենք գիտենք, որ բուն փոփոխուն կապիտալը, ուրեմն և ավելադիրը, կազմված է աշխատույժից։ I կապիտալիստը չի, որ հարկ եղած դեպքում II-ից գնում է անհրաժեշտ կենսամիջոցներ պաշարի համար կամ թե սրանք կուտակում է յուր բանեցնելիք ավելադիր աշխատույժի համար, ինչպես որ ստրկատերն էր ստիպված լինում անելու։ Հենց բանվորներն իրենք ենք որ գործ են ունենում II-ի հետ։ Բայց այս չի խանգարում, որ կապիտալիստի տեսակետից՝ ավելադիր աշխատույժի սպառամիջոցները կապիտալիստի հնարավոր ավելադիր աշխատույժի արտադրամիջոցներ ու պահելամիջոցներ, ուրեմն և նրա փոփոխուն կապիտալի բնաձևը լինեն միայն։ Նրա սեփական առաջնահերթ, այս դեպքում I-ի կողմից կատարելիք, գործառնությունն այն է, որ նա ամբարում է այն անհրաժեշտ նոր դրամակապիտալը, որ հարկավոր է լրացուցիչ աշխատույժ գնելու համար։ Հենց որ նա միակցում է այս դրամակապիտալը, փողը դառնում է II ապրանքների գնելամիջոց այս աշխատույժի համար, հետևաբար պետք է սրա սպառամիջոցներն առկա գտնի։

Ի միջի այլոց։ Պարոն կապիտալիստն, ինչպես և նրա մամուլը, հաճախ դժգոհում է այն եղանակից, որով աշխատույժը ծախսում է յուր փողը, ու II-ի այն ապրանքներից, որոնց վերածելով նա իրացնում է նույն փողը։ Այս առթիվ նա փիլիսոփայում է, բարբանջում կուլտուրայի մասին և մարդասիրություն ձևացնում, ինչպես օրինակ, պարոն Դրումմոնդը, Վաշինգտոնի անգլիական դեսպանության քարտուղարը.— «The Nation»-ը [մի լրագիր] 1879 թվականի հոկտեմբերի վերջում մի հետաքրքրական հոդված է զետեղել, որտեղ իմիջի այլոց ասված է. «Բանվորները կուլտուրայի ասպարեզում համաքայլ չեն ընթացել գյուտերի առաջադիմության հետ. բազմաթիվ առարկաներ մատչելի են դարձել նրանց, ովքեր այս առարկաները գործածել չգիտեն և ուրեմն սրանց համար շուկա չեն ստեղծում ամենևին։» [Ամեն մի կապիտալիստ ցանկանում է իհարկե, որ բանվորը հենց նրա ապրանքը գնի։] «Ոչ մի հիմք չկա այն բանի համար, որ բանվորը չցանկանար նույնքան պերճահարմարություն ունենալ, որ քան այն հոգևորականը, փաստաբանն ու բժիշկը, որը նույնպիսի գումար է վաստակում, որքան և նա։» [Այս տեսակի հոգևորականները, փաստաբաններն ու բժիշկները պետք է որ ցանկացած դեպքում իրոք շատ պերճահարմարություն թուլատրելիս լինեն իրենց։] «Սակայն բանվորն այս չի անում։ Հարցը դեռ այն է շարունակ, թե ինչպես պետք է մի ռացիոնալ ու առողջ գործելակերպով նրան իբրև սպառորդի բարձրացնել. այս հեշտ հարց չի ամենևին, որովհետև նրա ամբողջ պատվասիրությունը յուր աշխատաժամերը կարճացնելուց դենը չի անցնում, իսկ խուժանավարն էլ նրան, ընդհակառակը, հենց այս բանին է գրգռում, քան թե նրա մտավոր ու բարոյական ունակությունները կատարելագործելով նրա դրությունը բարձրացնելուն ուղղում նրան»։ («Reports of H. M-s Secretaries of Embassy and Legation on the Manufactures, Commerce etc. of the Countries in which they reside». London 1879, p. 404.)

Ինչպես երևում է, երկար աշխատաժամերն են այն ռացիոնալ ու առողջ գործելակերպի գաղտնիքը, որը բանվորի մտավոր ու բարոյական ունակությունը կատարելագործելուվ՝ բարձրացնելու է նրա դրությունը և նրան մի ռացիոնալ սպառորդ է դարձնելու, կապիտալիստի ապրանքի մի ռացիոնալ սպառորդ դառնալու համար բանվորը պետք է ամենից առաջ — բայց խուժանավարը նրան խանգարում է այս գործում — այն բանից սկսի, որ թողնի, որ յուր սեփական աշխատույժը յուր սեփական կապիտալիստն սպառի անռացիոնալ ու հակառողջապահական եղանակով։ Թե կապիտալիստը ռացիոնալ սպառում ասելով ինչ է հասկանում, երևան է գալիս այնտեղ, որտեղ նա այնքան զիջողամիտ է, որ ուղղակի միջամտում է յուր բանվորների սպառմանն սպասավորող առևտրին — երևան է գալիս truck-system [բառացի նշանակում է՝ հնարքների սիստեմ, խաբեբայությունների սիստեմ]-ի մեջ, որի բազմաթիվ ճյուղերից մեկն էլ բանվորներին բնակարան մատակարարելն է, երբ բանվորի կապիտալիստը միաժամանակ նրան տուն վարձու տվողն է։

Միևնույն Դրումմոնդը, որի բարեգեղ հոգին երազում է բանվոր դասակարգին բարձրացնելու, կապիտալիստական փորձերի մասին, միևնույն զեկուցման մեջ Lowell-ի ու Lawrence Mills-ի բամբակեղենի օրինակելի գործարանների վերաբերմամբ իմիջի այլոց պատմում է հետևյալը։ Գործարանային աղջիկների ճաշարաններն ու բնակարաները պատկանում են բաժնետիրական ընկերությանը, որը գործարանատերն է հենց. այս տների կառավարչուհիները նույն այս ընկերության ծառայության մեջ են, որը վարք ու բարքի կանոններ է հրամանագրում նրանց. ոչ մի աղջիկ չպետք է գիշերվա ժամի 10-ից հետո տուն գա։ Բայց ահա գոհարը.— ընկերության մի հատուկ ոստիկանություն տեղամասում պահակություն է անում՝ տնային այս կարգը խախտելն արգելելու համար։ Երեկոյան ժամի 10-ից հետո ոչ մի աղջիկ ոչ ներս է թողնվում ու ոչ էլ դուրս։ Ոչ մի աղջիկ չպետք է ուրիշ տեղ ապրի, բացի ընկերությանը պատկանող հողամասից, որտեղ ամեն մի տուն մոտ 10 դոլլար շաբաթավարձ է բերում ընկերությանը. և ահա մենք տեսնում ենք ռացիոնալ սպառորդներին իրենց լիակատար փառքի մեջ.— «Սակայն որովհետև բազմաթիվ լավագույն բնակատներում բանվորուհիների համար ամենտեղվա երգեհոն կա, երաժշտությունը, երգն ու պարը մի նշանավոր դեր է խաղում գոնե նրանց համար, որոնք ջուլհակահաստոցի մոտ տասը ժամ տևող անընդհատ աշխատանքի միալարությունից հետո ավելի շատ կարիք ունեն փոփոխության, քան իսկական հանգստի։» (p. 412.) Բայց գլխավոր գաղտնիքը, թե բանվորին ի՛նչպես պիտի մի ռացիոնալ սպառորդ դարձնել, դեռ նոր է գալիս։ Պարոն Դրումմոնդն այցելում է Turner’s Falls-ի (Connecticut River) դանակեղենի գործարանը, և պարոն Օկմենը, բաժնետիրական ընկերության գանձապետը, նրան պատմելուց հետո, թե ամերիկյան մանավանդ սեղանի դանակեղենը որակով գերազանցում է անգլիականից, շարունակում է. «Գների մեջ էլ մենք կխփենք Անգլիային. մենք արդեն հիմա էլ որակով առաջ ենք նրանից, այս հանրահայտնի է. բայց մենք պետք է ավելի ցած գներ ունենանք, և մենք սրան հասնում ենք, որչափով որ մեր պողպատն ավելի էժան ենք ստանում և աշխատանքի մեր վճարը ցածրացրե՜լ ենք։» (p. 427.) Աշխատավարձի իջեցում ու երկար աշխատաժամեր — ահա ուղն ու ծուծն այն ռացիոնալ ու առողջ գործելակերպի, որը պետք է բանվորին բարձրացնի և հասցնի մի ռացիոնալ սպառորդի արժանապատվությանը, որպեսգի նա մի շուկա ստեղծի այն բազմաթիվ առարկաների համար, որոնք նրան մատչելի են դարձել կուլտուրայի շնորհիվ ու գյուտերի առաջադիմության հետևանքով։



Ուրեմն ինչպես որ I-ը յուր հավելարդյունքից պետք է մատակարարի II-ի ավելադիր հաստատուն կապիտալը, այնպես էլ II-ն է այս իմաստով լրացուցիչ փոփոխուն կապիտալը մատակարարում I-ի համար։ Որչափով որ փոփոխուն կապիտալն է ուշադրության առնվում, II-ը կուտակում է I-ի ու հենց յուր համար նրանով, որ յուր ամբողջ արտադրության, հետևաբար հատկապես յուր հավելարդյունքի էլ մի ավելի մեծ մասն է վերարտադրում անհրաժեշտ սպառամիջոցների ձևով։

Աճող կապիտալապատվանդանի վրա հիմնված արտադրության դեպքում I (v + m)-ը պետք է = լինի IIc-ին, պլյուս հավելարդյունքի այն մասին, որը դարձյալ միակցվում է իբրև կապիտալ, պլյուս հաստատուն կապիտալի այն լրացուցիչ մասին, որն անհրաժեշտ է II-ի սահմաններում արտադրությունն ընդլայնելու համար. իսկ այս ընդլայնման մինիմումն այն է հենց, առանց որի չի կարող գլուխ բերվել իսկական կուտակումը, այսինքն արտադրության իրական ընդարձակումը բուն իսկ I-ի սահմաններում։

Հիմա եթե մենք վերադառնանք վերևում ամենավերջը քննարկված դեպքին, ապա կտեսնենք, թե նա այն առանձնահատկությունն ունի, որ IIc-ն ավելի փոքր է, քան I (v + ½m)-ը, քան I-ի արդյունքի այն մասը, որն իբրև հասույթ ծախսվել է սպառամիջոցների վրա, այնպես որ 1 500 I (v + m)-ը փոխանակելիս սրա հետևանքով II հավելարդյունքի մի մասը = 70-ն էլ է իրացվում հետը։ Ինչ վերաբերում է IIc = 1 430-ին, ապա սա այլ անփոփոխ հանգամանքներում պետք է փոխանակվի I (v + m)-ից վերցրած միևնույն արժեգումարի հետ, որպեսզի II-ի սահմաններում պարզ վերարտադրություն տեղի ունենալ կարողանա, և այսչափով էլ սա այլևս չի քննարկվելու այստեղ։ Բանն ուրիշ է լրացնող 70 IIm-ի վերաբերմամբ։ Այն, ինչ որ I-ի համար հասույթի սոսկական փոխարինումն է սպառամիջոցներով, սպառման նպատակով արված հասարակ ապրանքափոխանակություն, այս դեպքում II-ի համար յուր հաստատուն կապիտալի սոսկական հետփոխարկում չի ապրանքակապիտալի ձևից նրա բնաձևին — ինչպես որ էր պարզ վերարտադրության մեջ — այլ ուղղակի կուտակման պրոցես է, յուր հավելարդյունքի մի մասի փոխարկումն է սպառամիջոցների ձևից հաստատուն կապիտալի ձևին։ Եթե I-ը 70 £ փողով (հավելարժեքի փոխանակման համար նախանշված դրամապահեստով) 70 IIm է գնում, իսկ II-ը նրանով 70 Im չի գնում, այլ 70 £-ը կուտակում է որպես դրամակապիտալ, ապա վերջինս, այո՛, միշտ էլ լրացուցիչ արդյունքի (հենց II-ի հավելարդյունքի, որի պատկական մասն է նա) արտահայտություն է, թեև ոչ այնպիսի մի արդյունքի, որն էլի արտադրության մեջ է մտնում. բայց այս դեպքում II-ի կողմում կատարվող այս դրամակուտակումն անվաճառելի 70 Im արտադրամիջոցների արտահայտություն կլիներ միաժամանակ։ Հետևաբար I-ում տեղի կունենար հարաբերական գերարտադրություն, որը համապատասխանում է՝ II-ի կողմում վերարտադրության այս համաժամանակյա ոչ-ընդլայնմանը։

Բայց այս էլ մի կողմ թողած. այն ժամանակվա ընթացքում, երբ 70-անոց այն փողը, որ I-ից էր ստացվել, II-ի կողմից կատարելիք՝ 70 Im-ի գնման միջոցով բոլորովին չի վերադառնում կամ թե լոկ մասամբ է վերադառնում I-ին,— 70-անոց հիշյալ փողը II-ի ձեռքում ամբողջովին կամ թե մասամբ գործում է իբրև ավելադիր, հնարավոր դրամակապիտալ։ Այս վերաբերում է I-ի ու II-ի միջև կատարվող ամեն մի փոխանակության, քանի դեռ երկու կողմի ապրանքի փոխադարձ փոխարինումն առաջ չի բերել դրամի հետհոսում դեպի յուր ելակետը։ Բայց այս փողը, իրերի նորմալ ընթացքի դեպքում, լոկ ժամանակավորապես է այստեղ կերպակայում այս դերում։ Արդ, վարկասիստեմի ժամանակ, երբ ամեն մի րոպեապես ու ավելադրաբար ազատարձակված փող իսկույն պետք է ակտիվորեն գործի որպես ավելադիր դրամակապիտալ, այսպիսի լոկ ժամանակավորապես ազատ դրամակապիտալը կարող է ասպարեզ բերվել, օրինակ, I-ի սահմաններում նոր ձեռնարկություններին ծառայելու համար, մինչդեռ նույն տեղում նա դեռ պետք է ուրիշ ձեռնարկությունների մեջ պառկած ավելադիր արդյունքը շարժման մեջ դներ։ Այնուհետև պիտի նկատել, որ 70 Im-ի կցումը II հաստատուն կապիտալին՝ II փոփոխուն կապիտալի 14-անոց գումարով ընդլայնումն է պահանջում միաժամանակ։ Այս ենթադրում է — այնպես, ինչպես I-ում Im հավելարդյունքն Ic կապիտալին ուղղակի կցելու դեպքում — որ II-ի սահմաններում վերարտադրությունն արդեն կատարվում է հետագա կապիտալացման միտումով, որ հետևաբար այս վերարտադրությունը յուր մեջ պարփակում է հավելարդյունքի այն մասի ընդլայնումը, որն անհրաժեշտ կենսամիջոցներից է կազմված։



Ինչպես տեսանք, 9 000-անոց արդյունքը երկրորդ օրինակում պետք է վերարտադրության նպատակով հետևյալ բաշխումն ունենա, եթե 500 Im-ը կապիտալացվելու է։ Ընդսմին մենք ուշադրության առնում ենք սոսկ ապրանքները և անտեսում ենք դրամաշրջանառությունը։

I. 5 000 c + 500 m (կապիտալացնելու համար) + 1 500 (v + m) սպառաֆոնդ = 7 000՝ ապրանքներով։

II. 1 500 c + 299 v + 201 m = 2 000՝ ապրանքներով։ Ամբողջ 9 000 գումարը՝ ապրանքարդյունքով։

Հիմա կապիտալացումը կատարվում է հետևյալ կերպով.

I-ում 500 m-ը, որը կապիտալացվում է, բաժանվում է [math]^5/_6[/math]-ի, որ = 417 c, + [math]^1/_6[/math]-ի, որ = 83 v։ 83 v-ն մի նույնահավասար գումար է կորզում IIm-ից, որը հաստատուն կապիտալի տարրեր է գնում և որը հետևաբար միակցվում է IIc-ին։ IIc-ի մի շատացումը 83-ով՝ պայմանավորվում է IIv-ի մեկ շատացում 83-ի [math]^1/_5[/math]-ի չափով = 17։ Ուրեմն փոխանակությունից հետո մենք ունենում ենք

I. (5 000 c + 417 m) c + ( 1 000 v + 83 m) v = 5 417 c + 1 083 v = 6 500
II. (1 500 c + 83 m) c + ( 299 v + 17 m) v = 1 583 c + 316 v = 1 899
Ընդամենը 8 399 ։

Կապիտալն I-ում աճել է 6 000-ից 6 500-ի, ուրեմն [math]^1/_{13}[/math]-ով, II-ում՝ 1 715-ից 1 899-ի, ուրեմն համարյա [math]^1/_9[/math]-ով։

Երկրորդ տարում այս պատվանդանի վրա խարսխված վերարտադրությունը տարվա վերջում տալիս է այսպիսի կապիտալ.

I. (5 417 c + 452 m) c + (1 083 v + 90 m) v = 5 869 c + 1 173 v = 7 042,
II. (1 583 c + 42 m + 90 m) c + (316 v + 8 m + 18 m) v = 1 715 c + 342 v = 2 057,

իսկ երրորդ տարվա վերջում՝ այսպիսի արդյունք.

I. 5 869 c + 1 173 v + 1 173 m.
II. 1 715 c + 342 v + 342 m։

Եթե I-ն այստեղ մինչայժմյան նման կուտակվում է հավելարժեքի կեսը, ապա I (v + ½m)-ը տալիս է 1 173 v + 587 (½m) = 1 760, ուրեմն ավելի մեծ է, քան ամբողջ 1 715 IIc-ն, ու այն էլ՝ 45-ով մեծ։ Հետևաբար սա էլ պետք է գոցվի՝ արտադրամիջոցների մի նույնահավասար գումար դարձյալ փոխանցելով IIc-ին։ Ուրեմն IIc-ն աճում է 45-ով, որը IIv-ում [math]^1/_5[/math]-ի չափով մի աճ է պայմանավորում = 9։ Այնուհետև, կապիտալացված 587 Im-ը [math]^5/_6[/math]-ի չափով բաժանվում է 489 c-ի ու 98 v-ի. այս 98-ը պայմանավորում է II-ում 98-անոց մի նոր հավելում հաստատուն կապիտալի վրա, և այս հավելումն էլ II-ի փոփոխուն կապիտալի դարձյալ մեկ շատացում [math]^1/_5[/math]-ով = 20։ Այս դեպքում մենք ունենում ենք.

I. (5 869 c + 489 m) c + (1 173 v + 98 m) v = 6 358 c + 1 271 v = 7 629
II. (1 7I5 c + 45 m + 98 m) c + (342 v + 9 m + 20 m) v = 1 858 c + 371 v = 2 229
Ամբողջ կապիտալը = 9 858 ։

Հետևաբար աճող վերարտադրության երեք տարում I-ի ամբողջ կապիտալը 6 000-ից աճելով հասել է 7 629-ի, II-ինը՝ 1 715-ից 2 229-ի, հասարակական ամբողջ կապիտալը՝ 7 715-ից 9 858-ի։

3) IIc-ի փոխանակումը կուտակման ժամանակ

Այսպիսով ուրեմն I (v + m)-ը IIc-ի հետ փոխանակելիս տարբեր դեպքեր են տեղի ունենում։

Պարզ վերարտադրության ժամանակ պետք է երկուսն էլ հավասար լինեն և իրար փոխարինեն, որովհետև, ինչպես վերևում տեսել ենք, այլապես պարզ վերարտադրությունը չի կարող անխափան կատարվել։

Կուտակման ժամանակ ամենից առաջ ուշադրության է առնվում կուտակման նորման։ Մինչայժմյան դեպքերում մենք ընդունել ենք, որ I-ում կուտակման նորման = էր ½m I-ի, այլ և այն, որ այս նորման տարբեր տարիներում հաստատուն է մնում։ Մենք թողնում էինք, որ փոփոխվի լոկ այն համամասնությունը, որով այս կուտակված կապիտալը բաժանվում է փոփոխուն ու հաստատուն կապիտալի։ Ընդսմին ստացվում էր երեք դեպք.

1) I (v + ½m) = IIc, որը հետևաբար ավելի փոքր է I (v + m)-ից։ Այս պետք է միշտ այսպես լինի, ապա թե ոչ՝ I-ը չէր կուտակի։

2) I (v + ½m)-ը մեծ է IIc-ից։ Այս դեպք ում փոխարինումը նրանով է գլուխ գալիս, որ IIm-ի մեկ համապատասխան մաս ավելացվում է IIc-ի վրա, այնպես որ նրա այս գումարը = I (v + ½m)։ Այստեղ փոխանակությունը II-ի համար այլևս յուր հաստատուն կապիտալի պարզ վերարտադրություն չի, այլ արդեն կուտակում է, նույն այս կապիտալի շատացումն է յուր հավելարդյունքի այն մասի չափով, որ նա փոխանակում է I արտադրամիջոցների հետ. այս շատացումը միաժամանակ յուր մեջ պարփակում է այն էլ, որ II-ը, հիշյալից զատ, յուր փոփոխուն կապիտալը համապատասխան չափով մեծացնում է՝ վերցնելով յուր սեփական հավելարդյունքից։

3) I (v + ½m)-ը փոքր է IIc-ից։ Այս դեպքում II-ը յուր հաստատուն կապիտալը փոխանակելու միջոցով լիովին չի վերարտադրում, ուրեմն պակասորդը պետք է I-ից գնելով լրացնի, Բայց այս հանգամանքն անհրաժեշտ չի դարձնում II փոփոխուն կապիտալի ոչ մի հետագա կուտակում, որովհետև նրա հաստատուն կապիտալը միմիայն այս գործառնության շնորհիվ է լիովին վերարտադրվում յուր մեծության համեմատ։ Մյուս կողմից՝ այս փոխանակության հետևանքով I-ի կապիտալիստների այն մասը, որը լոկ ավելադիր դրամակապիտալ է կուտակում, արդեն գլուխ է բերած լինում այս տեսակի կուտակման մի մասը։

Պարզ վերարտադրությանը վերաբերող ենթադրությունը, թե I (v + m) = IIc, ոչ միայն անհամատեղելի է կապիտալիստական արտադրության հետ — այս դրույթը սակայն չի բացառում այն, որ 10—11-ամյա արդյունաբերական ցիկլում որևէ մի տարին հաճախ ավելի փոքրաքանակ ընդհանուր արտադրություն է ունենում, քան նախընթացը, որ հետևաբար նախորդ տարվա համեմատությամբ նույնիսկ պարզ վերարտադրություն էլ տեղի չի ունենում — այլև պարզ վերարտադրությունը բնակչության տարեկան բնական աճման դեպքում կարող էր տեղի ունենալ այն չափով միայն, որչափով որ այն 1 500-ի սպառմանը, որ ամբողջ հավելարժեքն է ներկայացնում, մասնակցեր անարտադրողական սպասավորների մի համապատասխան խոշոր թիվ։ Ընդսմին, ընդհակառակը, կապիտալի կուտակումը, իսկական կապիտալիստական արտադրությունն անհնարին կլիներ ուրեմն։ Ուստի կապիտալիստական կուտակման իրողությունը բացառում է այն դրույթը, թե IIc = I (v + m)։ Սակայն և այնպես մինչև անգամ կապիտալիստական կուտակման ժամանակ կարող էր հանդես գալ մեկ այնպիսի դեպք, երբ մի շարք նախկին արտադրապարբերաշրջաններում կատարված կուտակման պրոցեսի ընթացքի հետևանքով IIc-ն ոչ միայն հավասար, այլև նույնիսկ մեծ լիներ I (v + m)-ից։ Այս կլիներ մի գերարտադրություն II-ի սահմաններում և կհավասարակշռվեր, կվերացվեր մի խոշոր ճարճատափլումով միայն, որի հետևանքով կապիտալը II-ից կփոխանցվեր I-ին։— I (v + m)-ի հարաբերությունը IIc-ի նկատմամբ բոլորովին չի փոխվում նաև, եթե II-ի հաստատուն կապիտալի մի մասը հենց ինքն է վերարտադրում իրեն, ինչպես է, օրինակ, երկրագործության մեջ, որը հենց յուր արտադրած սերմն է բանեցնում։ IIc-ի այս մասն I-ի ու II-ի միջև կատարվող փոխանակության առնչությամբ ուշադրության չի առնվում ճիշտ այնպես, ինչպես որ Ic-ն էր, ընդսմին չի առնվում ուշադրության։ Բանի էությունը չի փոխվում նաև այն ժամանակ, երբ II-ի արդյունքների մի մասը յուր հերթին ընդունակ է լինում իբրև արտադրամիջոց I-ի մեջ մտնելու։ II-ի այս արդյունքները փոխգոցվում են I-ի կողմից մատակարարված արտադրամիջոցների մեկ մասով, և այս մասը հենց այն գլխից պետք է երկու կողմում էլ հաշվից հանել, եթե մենք ուզում ենք հասարակական արտադրության երկու մեծ դասակարգի միջև, արտադրամիջոցներ արտադրողների ու սպառամիջոցներ արտադրողների միջև տեղի ունեցող փոխանակությունը զուտ ու չմթագնված կերպարանքով ուսումնասիրել։

Հետևաբար կապիտալիստական արտադրության ժամանակ I (v + m)-ը կարող է IIc-ին հավասար չլինել, կամ երկուսն էլ կարող են փոխանակության ժամանակ իրար չծածկել։ Իսկ ընդհակառակը, եթե I[math]\frac{m}{x}[/math]-ն է Im-ի այն մասը, որն իբրև հասույթ է ծախսվում I կապիտալիստների կողմից, ապա նա կարող է հավասար լինել, ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել IIc-ից, բայց I [math]\left ( v \ + \ \frac{m}{x}\right )[/math]-ը միշտ պետք է փոքր լինի II (v + m)-ից և վրադիր՝ նույնքան էլ փոքր լինի IIm-ի այն մասից, որ II կապիտալիստների դասակարգն ինքն է սպառելու ամեն պարագայում։

Պետք է նշել, որ կուտակման այս պատկերացման ժամանակ, որչափով որ հաստատուն կապիտալն այն ապրանքակապիտալի արժեմասն է, որի արտադրությանը նա մասնակցում է, հաստատուն կապիտալի արժեքն ստույգ չի պատկերացված։ Նոր կուտակված հաստատուն կապիտալի հիմնական մասը լոկ աստիճանաբար ու պարբերաբար է մտնում ապրանքակապիտալի մեջ, նայած այս հիմնական տարրերի բնության տարբեր լինելուն. ուստի այնտեղ, որտեղ հումքն ու կիսաֆաբրիկատը և այլն մասսայորեն է մտնում ապրանքարտադրության մեջ, նոր կուտակված հաստատուն կապիտալի այս հիմնական մասը մեծ մասամբ կազմված է լինում շրջանառու հաստատուն բաղադրամասերի ու փոփոխուն կապիտալի փոխհատուցումից։ (Սակայն այսպես կարելի է վարվել շրջանառու բաղադրամասերի պտույտի պատճառով, ընդսմին ընդունվում է, թե հիմնական կապիտալի շրջանառու մասը՝ նրան փոխհանձնած արժեմասի հետ միասին այնքան հաճախ է պտույտ գործում տարվա մեջ, որ մատակարարված ապրանքների ամբողջ գումարը հավասար է լինում տարեկան արտադրության մեջ մտնող ամբողջ կապիտալի արժեքին)։ Իսկ որտեղ մեքենայական արտադրության համար միմիայն օժանդակ նյութեր են մեջ մտնում, ոչ թե հումք, այնտեղ աշխատատարրը, որ = v, պետք է վերահայտնվի ապրանքակապիտալի մեջ իբրև ավելի մեծ բաղադրամաս։ Մինչդեռ շահութանորմայի ժամանակ հավելարժեքը հաշվվում է ամբողջ կապիտալի նկատմամբ, անկախ նրանից, թե հիմնական բաղադրամասերն արդյոք շատ կամ թե քիչ արժեք են փոխհանձնում արդյունքին պարբերաբար, հաստատուն կապիտալի հիմնական մասը լոկ այնչափով պետք է հաշվի առնել պարբերաբար արտադրված ամեն մի ապրանքակապիտալի արժեքի վերաբերմամբ, որչափով որ հաստատուն կապիտալի հիշյալ հիմնական մասը գործածվելով բուն իսկ արդյունքին արժեք է փոխհանձնում միջին հաշվով։

IV. ԻԲՐԵՎ ԼՐԱՑՈՒՄ

II-ի համար սկզբնական դրամաղբյուրը I ոսկեարտադրության v + m-ն է, որը փոխանակվում է IIc-ի մի մասի հետ. լոկ այն չափով, որով ոսկի արտադրողը հավելարժեք է կուտակում կամ թե I արտադրամիջոցների փոխարկում, ուրեմն ընդարձակում յուր արտադրությունը,— նրա v + m-ը չի մտնում II-ի մեջ. մյուս կողմից՝ որչափով որ փողի կուտակումը, բուն իսկ ոսկի արտադրողների կողմից, վերջիվերջո հասցնում է ընդլայնված վերարտադրության, այն չափով էլ ոսկու արտադրության հավելարժեքի այն մասը, որ ծախսվում է ոչ իբրև հասույթ, այլ նախանշվում է ոսկի արտադրողի լրացուցիչ փոփոխուն կապիտալի համար,— մտնում է II-ի մեջ, այստեղ առաջ է բերում նոր գանձագոյացում և նոր միջոց է տալիս I-ից գնում անելու՝ առանց էլի մի բան ծախելու նրան։ Ոսկու արտադրության այս I (v + m)-ից ծագող փողից է վերցվում ոսկու այն մասը, որ II-ի հայտնի արտադրաճյուղեր գործ են ածում իբրև հումք և այլն, կարճ ասած՝ որպես իրենց հաստատուն կապիտալի փոխտարր։ I-ի ու II-ի միջև տեղի ունեցող փոխանակության ժամանակ նախընթաց — այսինքն ապագա ընդլայնված վերարտադրության նպատակով առաջ եկած — գանձագոյացման տարր հետևյալն է լինում. I-ի համար լոկ այն, երբ Im-ի մեկ մասը միակողմանիորեն ծախվում է II-ին՝ առանց հակագնման և այստեղ ծառայում է II ավելադիր հաստատուն կապիտալի համար. II-ի համար այն, երբ միևնույնը կատարվում է I-ի կողմից՝ լրացուցիչ փոփոխուն կապիտալի համար. հետո էլ այն, երբ I-ի կողմից իբրև հասույթ ծախսված հավելարժեքի մի մասը չի փոխգոցվում IIc-ով, ուրեմն նրանով գնվում է IIm-ի մեկ մասը և այսպիսով դրամի փոխարկվում։ Եթե I [math]\left ( v \ + \ \frac{m}{x}\right )[/math]-ը մեծ է IIc-ից, ապա IIc-ն յուր պարզ վերարտադրության համար կարիք չունի I-ից վերցվելիք ապրանքով փոխարինելու այն, ինչ որ I-ը IIm-ից է առել և սպառել։ Հարց է ծագում, թե ի՞նչպիսի չափով գանձագոյացում կարող է տեղի ունենալ II կապիտալիստների՝ իրար միջև կատարվող փոխանակության սահմաններում — մի փոխանակություն, որը միմիայն IIm-ի փոխադարձ փոխանակությունից կարող է կազմված լինել։ Մենք գիտենք, որ II-ի սահմաններում ուղղակի կուտակում լինում է նրանով, որ IIm-ի մեկ մասն ուղղակի փոփոխուն կապիտալի է փոխարկվում (ճիշտ ինչպես որ Im-ի մեկ մասն ուղղակի հաստատուն կապիտալ էր դառնում)։ Քանի որ II-ի տարբեր ձեռնարկաճյուղերում ու ամեն մի առանձին ձեռնարկաճյուղի սահմաններում առանձին կապիտալիստների համար կուտակման տարիքի տարբեր խմբեր կան, բանը, mutatis mutandis [փոխվելիքը փոխելով, համապատասխան փոփոխություններով] բացատրվում է ճիշտ այնպես, ինչպես I-ում կատարվածը։ Ոմանք դեռ գանձագոյացման ստադիայում են գտնվում, ծախում են առանց գնելու, ուրիշները գտնվում են վերարտադրության իսկական ընդլայնման կետի վրա, երբ գնում են առանց ծախելու։ Թեև լրացուցիչ փոփոխուն դրամակապիտալը նախ ծախսվում է լրացուցիչ աշխատույժի վրա, բայց սա կենսամիջոցներ է գնում բանվորների սպառման մեջ մտնող սպառամիջոցների այն տերերից, որոնք գանձ են գոյացնում։ Վերջիններս իրենց գանձագոյացման չափի համեմատ փողը չեն վերադարձնում յուր ելակետին. նրանք կուտակում են այն։



  1. II ձեռագրից։
  2. Այստեղ սկսվում է VIII ձեռագիրը։
  3. «Կապիտալ», I հատոր, XXII գլ., 2-րդ հրատ, էջ 612, 32-րդ ծանոթագրություն || Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 558—559։ ||
  4. Այստեղ էլ նրա ուղին հարթել էին ֆիզիոկրատներից մի քանիսը, ամենից առաջ Turgot-ն։ Սա Quesnay-ից ու մյուս ֆիզիոկրատներից արդեն ավելի հաճախակի է գործածում կապիտալ բառն avances-ի || կանխավճարումների || փոխարեն և է՛լ ավելի շատ է նույնացնում մանուֆակտուրիստների avances-ն || կանխավճարումներն || ու capitaux-ը || կապիտալը || ֆերմերների avances-ի || կանխավճարումների || ու capitaux-ի || կապիտալի || հետ։ Օրինակ. «Սրանց նման (ձեռնարկու մանուֆակտուրիստների նման. Կ. Մ.) նրանք (les fermiers, այսինքն կապիտալիստական ֆերմերները. Կ. Մ.) պետք է հետ ստանան բացի վերադարձող կապիտալից» և այլն։ (Turgot «Oeuvres», éd. Daire. Paris 1844, Tome I, p. 40).
  5. Որպեսզի ընթերցողը չմոլորվի «ապրանքների շատ խոշոր մեծամասնության գինը» ֆրազի վերաբերմամբ, հետևյալը ցույց է տալիս, թե ինքն Ա. Սմիթն ինչպես է պարզաբանում այս արտահայտությունը. օրինակ, ծովաձկան գնի մեջ ոչ մի ռենտա չի մտնում, այլ միմիայն աշխատավարձն ու շահույթն են մտնում. Scotch pebbles-ի || շոտլանդական խճաքարի || գնի մեջ մտնում է աշխատավարձը միայն, այսպես, «Շոտլանդիայի մի քանի մասերում աղքատ մարդիկ իրենց զբաղմունքն են դարձնում ծովափին գույնզգույն քարիկներ հավաքելը, որոնք հայտնի են շոտլանդական խճաքար անունով։ Այն գինը, որ վիմաքանդակիչները նրանց վճարում են այս քարիկների համար, կազմված է նրանց աշխատավարձից միայն, որովհետև ո՛չ հողառենտան ու ո՛չ էլ շահույթը նրա որևէ մասը չեն կազմում։»
  6. Ես այս նախադասությունը մեջ եմ բերում բառացի, ինչպես որ կա ձեռագրում, չնայած որ նա յուր այժմյան կապակցությամբ թվում է, թե հակասում է թե՛ նախընթացին ու թե անմիջաբար հաջորդող շարադրանքին։ Այս երևութական հակասությունը լուծվում է շարունակության մեջ ներքևում, № 4-ի մեջ, որի վերնագիրն է «Կապիտալն ու հասույթն ըստ Ա. Սմիթի»։— Ֆ. Է.։
  7. Մենք այստեղ բոլորովին անտեսում ենք այն, թե Ադամը հատկապես ո՛րքան անհաջողակ է գտնվել յուր օրինակն ընտրելիս։ Հացահատկի արժեքը լոկ այն պատճառով է տրոհվում աշխատավարձի, շահույթի ու ռենտայի, որ բանող անասունի սպառած սննդամիջոցը պատկերացվում է իբրև բանող անասունի աշխատավարձ, ու բանող անասունն էլ՝ որպես վարձու բանվոր, հետևաբար վարձու բանվորն էլ յուր հերթին՝ իբրև բանող անասուն։ [Հավելում II ձեռագրից։]
  8. Այստեղից մինչև գլխի վերջը հավելված է II ձեռագրից։
  9. II ձեռագրից։
  10. VIII ձեռագրից
  11. Էականում՝ II ձեռագրից։ Սխեման՝ VIII ձեռագրից։
  12. Տես հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 169—170։
  13. Այստեղից սկսած՝ էլի VIII ձեռագիրը։
  14. Ad notam || ի գիտություն || ճգնաժամերի Ռոդբերտուսյան թեորիայի հնարավոր կողմնակիցների։— Ֆ. Է.։
  15. Տե՛ս հայ, հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 79—80։
  16. Շարադրանքն այստեղ միքիչ շեղվում է վերևում (էջ 368—369) տրվածից։ Այնտեղ I-ն էլ էր 500 £-անոց մի անկախ գումար նետում շրջանառության մեջ։ Այստեղ մենակ II-ն է լրացուցիչ դրամակապիտալ մատակարարում շրջանառության համար։ Սակայն այս հանգամանքն ամենևին չի փոխում վերջնական հետևանքը։— Ֆ. Է.։
  17. Այստեղից սկսած՝ II ձեռագրից։
  18. Այստեղից սկսած՝ VIII ձեռագիր։
  19. «Երբ վայրենին աղեղ է սարքում, նա մի արդյունաբերությամբ է զբաղվում բայց ժուժկալություն չի բանեցնում»։ (Senior «Principes fundamentaux de l’Econ. Pol.», trad. Arrivabene. Paris 1836, p. 308) — «Որքան ավելի է հասարակությունն առաջադիմում, այնքան ավելի մեծ ժուժկալություն է պահանջում նա։» (Ibid., p. 342) — Հմմտ. («Կապիտալ», I գիրք, գլ. XXII 3, էջ 619։ || Տես հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 565։||
  20. E. B. Tyler «Forschungen über die Urgeschichte der Menschheit», übersetzt von Müller, Leipzig, թվական չունի, S. 240։
  21. Թվերն էլի չեն համերաշխում առաջ ընդունածի հետ։ Սակայն այս նշանակություն չունի, որովհետև բանը վերաբերում է հարաբերություններին միայն։— Ֆ. Է.։
  22. Ad. Soetbeer «Edelmetall — Production». Gotha 1879.
  23. «Ձույլ ոսկու (gold bullion) մի նշանավոր քանակ ... ոսկեարդյունարերողներն ուղղակի բերում են Սան-Ֆրանցիսկոյի ստակահատարանը։»— «Reports of H. M. Secretaries of Embassy and Legation». 1879. Part III, p. 337.
  24. Նոր արտադրված ոսկու՝ I ստորաբաժանման հաստատուն կապիտալի սահմաններում կատարվող փոխանակության վերաբերյալ հետազոտությունը չկա ձեռագրում։— Ֆ. Է.
  25. II ձեռագրից։
  26. Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 129։
  27. Այստեղից մինչև վերջը՝ VIII ձեռագրից։
  28. Սա մի անգամ ընդմիշտ վերջ է դնում կապիտալի կուտակման վերաբերմամբ Ջեմս Միլլի ու Ա. Բեյլու միջև եղած երկպառակությանը, որ մենք I գրքում (գլուխ XXII, 5, էջ 634, ծանոթագրություն 64, 65 || Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 578—579 || քննարկել ենք ուրիշ տեսակետից, այսինքն վերջ է դնում այն վեճին, որը վերաբերում է արդյունաբերական կապիտալի գործելու առաձգականությանը՝ նրա անփոփոխ մեծության ժամանակ։ Հետո պետք է վերադառնալ այս կետին։