Մարտին Իդեն, Գլուխ XXII

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXI Մարտին Իդեն, Գլուխ XXIII ▶


Եթե միսիս Մորզը մինչև անգամ չունենար մայրական նրբազգացություն, այդ դեպքում էլ հեշտությամբ կկռահեր ամեն բան՝ Ռութին տեսնելուն պես։ Ամեն բանից ավելի պերճախոս էին աղջկա այտերի շառագույնը և ուրախություն ու հաղթական ցնծություն արտացոլող փայլուն աչքերը։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց միսիս Մորզը այնքան սպասելուց հետո, մինչև որ Ռութը անկողին մտավ։

— Դու գուշակեցի՞ր,— իր հերթին հարցրեց Ռութը դողդոջուն ձայնով։

Փոխանակ պատասխանելու, մայրը քնքշորեն գրկեց նրան և ձեռքով շոյեց նրա մազերը։

— Նա ոչինչ չասաց,— բացականչեց Ռութը,– ես բոլորովին չէի ուզում, որ այդ բանը պատահի, և ես ոչ մի կերպ նրան թույլ չէի տա խոսելու, բայց նա ոչինչ չասաց։

— Եթե նա ոչինչ չի ասել, ոչինչ էլ չէր կարող պատահել։

— Այնուամենայնիվ պատահեց։

— Ի սեր աստծո, զավակս, ի՜նչ ես շաղակրատում,— բացականչեց միսիս Մորզը,— ի՞նչ է պատահել, բանն ինչո՞ւմն է։

Ռութը զարմացած նայեց մորը։

— Ես կարծում էի, թե դու արդեն գուշակեցիր,— ասաց նա․― Մարտինն ու ես հարս ու փեսա ենք։

Միսիս Մորզը հռհռաց այնպիսի մի ծիծաղով, որը արտահայտում էր երկմտություն և սրտնեղություն։

— Բայց նա ոչինչ չասաց,— շարունակեց Ռութը,— նա պարզապես սիրում է ինձ, ուրիշ ոչինչ։ Ինձ համար էլ դա նույնքան անսպասելի էր, ինչպես և քեզ համար։ Նա ոչ մի բառ չասաց․ պարզապես գրկեց ինձ, և ես․․․ և ես միանգամայն գլուխս կորցրի։ Նա համբուրեց ինձ, ես էլ նրան... այլ կերպ չէի կարող, ես պիտի համբուրեի նրան։ Եվ հասկացա, որ սիրում եմ նրան։

Ռութը լռեց՝ սպասելով, որ մայրը համբուրի իրեն, բայց միսիս Մորզը չարագուշակ լռություն էր պահպանում։

— Իհարկե, դա սոսկալի է, ես հասկանում եմ,― սկսեց Ռութը ընկճված ձայնով։— Չգիտեմ, թե դու կարո՞ղ ես ինձ ներել, բայց ես այլ կերպ վարվել չեմ կարող։ Մինչև այդ րոպեն ես չէի կարծում, թե սիրում եմ նրան։ Դու ինքդ ասա այդ մասին հորս։

— Թերևս ավելի լավ է ոչինչ չասել հորդ: Ես ինքս կխոսեմ Մարտին Իդենի հետ և կբացատրեմ նրան ամեն բան. նա կհասկանա և կազատի քեզ տված խոսքիցդ։

— Ո՛չ, ո՛չ,— աղաղակեց Ռութը եռանդագին,― ես չեմ ուզում, որ նա ինձ ազատի։ Ես սիրում եմ նրան, իսկ սիրելը այնքա՜ն հաճելի է․․․ ես կամուսնանամ նրա հետ, իհարկե, եթե դուք ինձ թույլ տաք։

— Քո հայրն ու ես այլ ծրագիրներ ունենք։ Ռութ, սիրելի՜ս ո՛չ, ո՛չ, ո՛չ, մի կարծիր, թե մենք որևէ մեկին փաթաթում ենք քո վզին։ Մենք պարզապես ուզում ենք, որ դու մեր շրջանից մեկի հետ ամուսնանաս, իսկական ջենտլմենի հետ, որին բոլորը հարգում են, որին դու ինքդ կընտրես, երբ սիրես։

— Բայց չէ՞ որ ես արդեն սիրում եմ Մարտինին,― աղիողորմ շեշտով առարկեց Ռութը։

— Մենք ոչ մի կերպ չենք ուզում ազդել քո ընտրության վրա, բայց դու մեր աղջիկն ես, և մենք չենք կարող հանգիստ խղճով թույլ տալ քեզ ամուսնանալու այդպիսի մարդու հետ։ Քո ամբողջ քնքշությանն ու փափկանկատությանը նա կարող է պատասխանել միայն կոպտությամբ և անկրթությամբ։ Նա ոչ մի տեսակետից հարմար չէ քեզ․ նա մինչև իսկ չի կարող ապահովել քեզ։ Մենք հարստության հետամուտ չենք, բայց ամուսինը պարտական է հանգստավետություն և որոշ չափով բարեկեցություն տալ կնոջը։ Մեր աղջիկը պետք է ամուսնանա ապագա ունեցող մի մարդու հետ, և ոչ թե չքավոր ավանտյուրիստի, նավաստու, քավբոյի, մաքսանենգի և աստված գիտե, թե ում հետ։ Բացի այդ, նա արտասովոր թեթևաբարո մարդ է և պատասխանատվության ոչ մի զգացում չունի։

Ռութը լռեց՝ գիտակցելով, որ մայրը ճիշտ է ասում։

— Նա ժամանակ է վատնում իր գրվածքների վրա՝ աշխատելով ձեռք բերել այն, ինչին հազվադեպ հասնում են առանձնապես տաղանդավոր և բարձրագույն կրթության տեր մարդիկ։ Ամուսնության մասին մտածող մարդը այսպես թե այնպես պետք է պատրաստվի այդ բանին, իսկ դա նրա մտքովն էլ չի անցնում։ Ես արդեն ասացի, և գիտեմ, որ դու կհամաձայնես ինձ հետ՝ նա պատասխանատվության զգացում չունի և ինչո՞ւ պետք է ունենա այդ զգացումը։ Բոլոր նավաստիներն էլ այդպես են։ Նա երբեք չի աշխատել խնայասեր և ժուժկալ լինել, նա սովոր է ծախսել առանց հաշվի, և դա նրանում արդեն միս ու արյուն է դարձել։ Իհարկե նա մեղավոր չէ, բայց դրանով նրա բնավորությունր չի փոխվի։ Իսկ դու մտածե՞լ ես նրա առաջվա սանձարձակ կյանքի մասին, այլ կերպ չէր կարող լինել։ Իսկ դու գիտե՞ս, աղջիկս, թե ինչ բան է ամուսնությունը։

Ռութը ցնցվեց և սեղմվեց մորը։

— Ես մտածել եմ․․․— Ռութը երկար լռեց՝ ասելիքը ձևակերպելու համար։— Դա, իհարկե, սոսկալի է, ինձ համար շատ ծանր է մտածել դրա մասին։ Ես գիտակցում եմ, որ իմ սերը մեծ դժբախտություն է, բայց այլ կերպ վարվել չեմ կարող։ Դու կարո՞ղ էիր չսիրել իմ հայրիկին։ Նույն բանն է և իմ նկատմամբ։ Նրանում և ինձանում կա մի բան՝ մինչև այսօր ես չէի հասկանում այդ, որ ստիպում է ինձ սիրել նրան։ Ես երբեք չէի կարծում, որ կսիրեմ նրան, բայց ահա, սիրեցի,— եզրակացրեց Ռութը ձայնի մեջ դնելով որոշ չափով հաղթական շեշտ։

Այս ապարդյուն խոսակցությունը երկար շարունակվեց․ ի վերջո նրանք որոշեցին միառժամանակ ոչ մի քայլ չկատարել։

Մի ժամ անց այդ որոշման հետ համաձայնեց և միստր Մորզը, երբ կինը խոստովանեց նրան, թե ինչ անսպասելի արդյունք տվեց իր խորամանկությունը։

— Այլ կերպ չէր էլ կարող լինել,— հայտարարեց միստր Մորզը,— չէ՞ որ նա, բացի այդ կոպիտ նավաստուց, մոտիկից ծանոթ չի եղել ոչ մի տղամարդու հետ․ վաղ թե ուշ նրա մեջ պետք է զարթներ կինը։ Նա զարթնեց և աչքդ լույս, նրա կողքին այդ րոպեին միակ մատչելի մարդն այդ տղան էր․․․ Պարզ է, որ Ռութն իսկույն սիրահարվեց նրան, կամ կարծեց, թե սիրահարվեց, որը և վերջին հաշվով միևնույն է։

Միսիս Մորզն ասաց, որ կփորձի ազդել Ռութի վրա կողմնակի կերպով՝ փոխանակ ուղղակի հակառակվելու նրա ցանկությանը։ Դրա համար բավական Ժամանակ կա, որովհետև Մարտինն այս րոպեին չի կարող մինչև անգամ մտածել ամուսնության մասին։

— Թող նրա հետ տեսակցի, ինչքան ուզում է,— վճռեց միստր Մորզը։— Ինչքան մոտիկ ծանոթանա նրա հետ, այնքան ստույգ կերպով կդադարի նրան սիրելուց։ Պետք է հնարավորություն տալ Ռութին՝ բաղդատելու նրան մի ուրիշի հետ։ Պետք է հրավիրել մեր տուն ավելի շատ երիտասարդների ու աղջիկների մեր շրջանից՝ կուլտուրական ու կրթված, իսկական ջենտլմենների։ Նրանց կողքին Մարտինն այլ կերպ կերևա. Ռութը կտեսնի նրան իսկական գույներով։ Հետո, վերջ ի վերջո, նա պարզապես մանչուկ է․ չէ՞ որ նա ընդամենը քսանմեկ տարեկան է։ Ռութը նույնպես կատարյալ երեխա է։ Դա պարզապես երեխայական սիրահարություն է, և ժամանակի ընթացքում կանհետանա։

Այդպես էլ վճռեցին։ Ընտանեկան շրջանակում ընդունեցին, որ Մարտինն ու Ռութը նշանվել են, բայց չհայտարարեցին այդ մասին։ Ծնողները թաքուն կերպով հույս էին տածում, որ կարիք էլ չի լինի հայտարարելու։ Հասկանալի էր, որ նրանք շատ երկար նշանված կմնան։ Մարտինին ոչինչ չասացին ապրելակերպը փոխելու և մի որևէ լուրջ գործով զբաղվելու մասին. նրան ոչ ոք չակնարկեց, որ գրելը թողնի։ Ընտանիքի պլանների մեջ չէր մտնում սատարել նրա կենցաղային հաջողություններին, իսկ ինքը՝ Մարտինը միայն իր անբարյացկամների ջրաղացին ջուր էր լցնում, որովհետև ամենից քիչ մտածում էր հաստատուն զբաղմունք որոնելու մասին։

— Չգիտեմ, թե դուք հավանություն կտա՞ք իմ ձեռնարկներին,— ասաց Մարտինը Ռութին մի քանի օր անց։— Ես վճռեցի, որ քրոջս մոտ ապրելը ձեռնտու չի իմ գրպանի համար, և ուզում եմ ինքնուրույն ապրել։ Ես արդեն սենյակ եմ վարձել Հյուսիսային Օքլենդում, շատ խաղաղ մի տան մեջ, և գնեցի նավթավառ. կերակուր ինքս կպատրաստեմ։

Ռութը հիացավ։ Առանձնապես նրան դուր եկավ նավթավառը։

— Միստր Բեթլերն էլ դրանից է սկսել,— ասաց նա։ Մարտինը թեթևակի կիտեց հոնքերը, երբ աղջիկը հիշեց այդ պատվարժան ջենտլմենի անունը, և շարունակեց.

— Նամականիշներ կպցրի իմ բոլոր գրվածքներին և նորից ուղարկեցի դրանք խմբագրություններին։ Այսօր կտեղափոխվեմ նոր բնակարան, իսկ վաղվանից կսկսեմ աշխատել։

— Ծառայությա՞ն եք մտել,– բացականչեց աղջիկը՝ իր ամբողջ էությամբ արձագանքելով այդ ուրախալի լուրին, ավելի մոտիկ գալով Մարտինին, ժպտալով, սեղմելով նրա ձեռքը։— Ինչո՞ւ դուք ինձ ոչինչ չասացիք․ այդ ի՞նչ ծառայություն է։

Բայց Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։

— Ուզում եմ ասել, որ վաղվանից դարձյալ կսկսեմ գրել։– Աղջկա դեմքը ձգվեց, և Մարտինն շտապեց շարունակել,— ճիշտ հասկացեք ինձ․ այս անգամ ես անձնատուր չեմ լինելու լավատես երազների։ Ես ղեկավարվում եմ սառը, պրոզաիկ, զուտ գործնական հաշիվներով։ Դա ավելի լավ է, քան նորից գնալ նավարկության, և վստահ եմ, որ ավելի կվաստակեմ, քան Օքլենդի շարքային ծառայողը։ Վերջին ամիսներին ես ժամանակ ունեցել եմ շատ բան կշռադատելու։ Ես չէի աշխատում գրաստի պես, համարյա ոչինչ չեմ գրել, և եթե գրել եմ, դա տպելու համար չէ։ Իմ ամբողջ ժամանակը հատկացրել եմ ձեր նկատմամբ ունեցածս սիրույն և զանազան բաների մասին խորհրդածության։ Ճիշտ է, մի քանի բան կարդացել եմ, բայց դա էլ առնչություն ունի իմ խորհրդածությունների հետ, ես մեծ մասամբ հանդեսներ եմ կարդացել։ Ես խորհել եմ իմ մասին, աշխարհի մասին, աշխարհում իմ տեղի մասին, ի՞նչ երաշխիքներ ունեմ տեր դառնալու այնպիսի դիրքի, որը կարող էի առաջարկել ձեզ։ Բացի այդ, կարդացի Սփենսերի «Ոճի փիլիսոփայությունը» և այնտեղ գտա անմիջականորեն ինձ վերաբերող շատ հետաքրքրական բաներ, ավելի ճիշտ իմ գրվածքներին վերաբերող ինչպես և այն գրականությանը, որ ամեն ամիս տպվում է հանդեսներում։ Այդ բոլորի՝ խորհրդածությունների, ընթերցումների և ձեր նկատմամբ տածած սիրո հիման վրա եկա հետևյալ եզրակացության, ես վճռեցի գրական արհեստավոր դառնալ։ Առայժմ կմոռանամ գլուխգործոցների մասին և կգրեմ ամեն տեսակ անմիտ բաներ՝ ֆելիետոններ, անեկդոտներ, առօրյա թեմաների շուրջը բանաստեղծություններ, զավեշտ, առհասարակ ամեն բան, որի նկատմամբ պահանջ կա գրական շուկայում։ Չէ՞ որ գոյություն ունեն գրական գործակալություններ, որոնք նյութեր են հայթայթում թերթերի, զավեշտի էջերի, կիրակնօրյա հավելվածների համար։ Ես կպատրաստեմ այն, ինչ պահանջում են, և հավատացնում եմ ձեզ, որ վատ չեմ վաստակի։ Կան անկախ լրագրողներ, որոնք վաստակում են ամսական չորս հարյուր, երբեմն հինգ հարյուր դոլլար։ Ես չեմ պատրաստվում նմանվել նրանց, բայց ամեն պարագայում, կվաստակեմ ապրուստ հայթայթելու չափ, և դեռ ժամանակ կունենամ իմ աշխատանքով զբաղվելու և սովորելու, իսկ ոչ մի ծառայություն այդ բանը չի տա։ Կամաց-կամաց կսկսեմ ուժերս փորձել լուրջ բաներ գրելու և կսովորեմ ու կպատրաստվեմ իսկական աշխատանքի։ Գիտե՞ք, ես ինքս եմ զարմանում, թե որքան եմ առաջ գնացել։ Երբ ես առաջին անգամ փորձեցի գրել, պարզապես նկարագրում էի զանազան պատահարներ, բայց ոչ մի գաղափար, ոչ մի միտք չկար իմ մեջ։ Մինչև անգամ չկային բառեր, որոնցով ես կարողանայի մտածել։ Իմ բոլոր ապրումները պատկերանում էին ինձ որպես որևէ նշանակությունից զուրկ պատկերների շարք։ Բայց երբ սկսեցի սովորել և հարստացրի իմ բառապաշարը, բոլոր այդ նկարներում սկսեցի տեսնել շատ բան, որը նախապես չէի նկատում։ Ահա այն ժամանակ էլ սկսեցի գրել իսկական բաներ, գրեցի «Արկած», «Ուրախություն», «Կաթսա», «Կյանքի գինին»։ Այդպիսի բաներ ես դեռ շատ կգրեմ, մինչև իսկ ավելի լավ կգրեմ, բայց դրանով կզբաղվեմ միայն ազատ ժամանակ։ Հիմա ես արդեն չեմ ճախրում երկնքում։ Սկզբում՝ սև աշխատանք դրամ շահելու համար, իսկ դրանից հետո՝ գլուխգործոցներ։ Որպեսզի ապացուցեմ ձեզ, որ ես իրավացի եմ, երեկ երեկո հատկապես գրեցի վեց մանր բաներ զավեշտական շաբաթաթերթերի համար, և երբ արդեն պատրաստվում էի անկողին մտնել, մտքովս անցավ փորձել ուժերս ծիծաղաշարժ քառյակների վրա, և ընդամենը մի ժամում չորս հատ գրեցի։ Կարելի է ամեն մեկի համար ստանալ մի դոլլար։ Չորս դոլլար վաստակել հենց այնպես, քնելու պատրաստվելիս, կարծում եմ, այնքան էլ վատ չէ, իհարկե, այդ աշխատանքն ինքնըստինքյան ոչ մի արժեք չունի, դա ձանձրալի ու միօրինակ է, բայց ոչ ավելի ձանձրալի, քան գրասենյակային հաշվեմատյանների հետ գործ ունենալը և անվերջ թվերի գումարով զբաղվելը՝ ամսական վաթսուն դոլլար ստանալու համար։ Ընդսմին այդ աշխատանքն ամեն պարագայում առնչություն ունի գրականության հետ և ինձ հնարավորություն կտա գրելու արժեքավոր բաներ։

— Բայց ի՞նչ միտք կա գրելու այդ արժեքավոր բաները, այդ գլուխգործոցները,― հարցրեց Ռութը։― Դուք չեք կարող վաճառել դրանք։

― Մի՛ ասեք․․․― սկսեց Մարտինը։

Աղջիկն ընդհատեց նրան.

— Այն բոլորից, որոնք դուք թվարկեցիք և այնքան հավանում եք ինքներդ, մինչև այժմ չեք վաճառել ոչ մի տող։ Մենք չենք կարող ամուսնանալ՝ հույսներս դրած գլուխգործոցների վրա, որ ոչ ոք չի գնում։

― Լա՛վ, մենք կամուսնանանք՝ հույս դնելով քառյակների վրա, որ կգնեն բոլորը,— համառորեն ասաց նա և գրկեց Ռութին, բայց Ռութն այս անգամ տրամադիր չէր փայփայանքի։

— Ահա՛, լսեցեք,— արհեստական ուրախ շեշտով ասաց Մարտինը.— սա գեղարվեստ չէ, բայց դոլլար է․

Երբ տանը չէի,
Իմ ձանոթը
Եկավ դրամ պարտք վերցնելու։
Երբ տանը չէի,
Իմ ծանոթը
Չզլացավ հայհոյելու։
Բայց քանի որ ես տանը չէի
Որտեղի՞ց էի դա իմանալու...

Այդ ոտանավորի ուրախ, կաքավուն ռիթմը չէր կապակցվում այն վհատ արտահայտության հետ, որը աստիճանաբար դրսևորվում էր Մարտինի դեմքին։

Ռութը չժպտաց, այլ մռայլ նայում էր նրան։

— Թերևս մի դոլլար կտան դրա համար,— ասաց աղջիկը,— բայց այդ դոլլարը կրկեսում ծաղրածուին տրվող դոլլարն է, ինչպե՞ս չեք հասկանում, Մարտին, որ դա ստորացուցիչ է ձեզ համար։ Ինձ ցանկալի է, որ իմ սիրած ու հարգած մարդը զբաղվի ավելի լուրջ և պատշաճ գործով և ոչ թե հանգավոր անիմաստ բաներ գրի։

— Դուք կուզենայիք, որ նա նմանվի միստր Բեթլերի՞ն,–— հարցրեց Մարտինը։

— Ես գիտեմ,— ասաց աղջիկը,— որ միստր Բեթլերը ձեր սրտովը չէ․․․

— Միստր Բեթլերը հրաշալի մարդ է,— ընդհատեց նրան Մարտինը,— նա բոլոր հարցերում անթերի է, բացի ստամոքսի անմարսողությունից․ բայց ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ քառյակներ գրելն ավելի վատ է, քան գրամեքենա թխկթխկացնելը կամ գրասենյակի մատյանների վրա քրտնելը։ Ե՛վ այս, և՛ այն միայն միջոց են նպատակին հասնելու համար։ Դուք ուզում եք, որ ես սկսեմ մատյանների վրա ճգնելուց և ի վերջո դառնամ ինչ-որ փաստաբան կամ վաճառական, իսկ ես ուզում եմ սկսել լրագրական մանր աշխատանքից և վերջը դառնալ մեծ գրող։

— Այստեղ տարբերություն կա,— պնդեց Ռութը։

— Ի՞նչ տարբերություն։

— Թեկուզ այն, որ դուք ոչ մի կերպ չեք կարողանում վաճառել ձեր այն գրվածքները, որոնք հաջող եք համարում, չէ՞ որ մի քանի անգամ փորձել եք, բայց խմբագիրները ձեզնից ոչինչ չեն գնում։

— Ժամանակ տվեք ինձ, սիրելիս,— ասաց Մարտինը պաղատագին,— այս աշխատանքը միայն պալիատիվ է։ Ինձ մի երկու տարի ժամկետ տվեք։ Այդ երկու տարում ես հաջողություն ձեռք կբերեմ, և իմ բոլոր գրվածքները իրար ձեռքից կխլեն։ Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ես հավատում եմ ինձ և շատ լավ գիտեմ, թե ինչի եմ ընդունակ։ Այժմ գիտեմ, թե ինչ է գրականությունը, գիտեմ նաև, թե աննշան գրչակներն ինչ անպետք բաներով ողողում են թերթերն ու հանդեսները։ Վստահ եմ, որ երկու տարուց դուրս կգամ հաջողության պողոտան, իսկ գործի ասպարեզում ես երբեք հաջողություն չեմ ունենա, դա իմ սրտով չէ։ Դա ինձ թվում է ձանձրալի, անմիտ, չնչին, բութ գործ։ Ամեն պարագայում ես հարմար չեմ այդ գործին։ Ես երբեք հասարակ գրագրի աստիճանից ավելի չեմ բարձրանա, և մի՞թե դուք և ես կարող ենք երջանիկ լինել՝ ապրելով գրասենյակային չնչին ռոճիկով։ Ես ուզում եմ ձեզ համար ձեռք բերել աշխարհում լավագույն բաները և ձեռք կբերեմ, ի՜նչ գնով էլ լինի, միշտ առավել լավը։ Ձեռք կբերեմ, կնվաճեմ այդ բոլորը։ Նշանավոր գրողն իր վաստակով միստր Բեթլերներին ջուրը կտանի՝ ծարավ ետ կբերի։ Դուք գիտեք, որ «գնայուն» գիրքը հեղինակին կարող է եկամուտ բերել հիսուն հազար, մինչև անգամ հարյուր հազար դոլլար։ Երբեմն մի քիչ ավելի, երբեմն մի քիչ պակաս, բայց միջին հաշվով մոտավորապես այդքան։

Ռութը լուռ էր․ նա շատ էր դառնացած և չէր թաքցնում այդ։

— Վա՞տ է,— հարցրեց Մարտինը։

— Ես այլ հույսեր և ծրագրեր ունեի,― պատասխանեց աղջիկը։― Ես համարում էի և հիմա էլ համարում եմ, որ ձեզ համար լավագույնը կլիներ այն, որ դուք սղագրություն սովորեիք, մեքենայով գրել դուք գիտեք, և ծառայության մտնեիք հայրիկիս գրասենյակը։ Դուք մեծ ընդունակություններ ունեք, և ես վստահ եմ, որ կարող եք լավ իրավաբան դառնալ։