Changes

Յիշիր պատերազմը

Ավելացվել է 68 107 բայտ, 18:43, 24 Հունիսի 2017
Գիտցիր եւ հետեւեալը՝ ''անպարտելի է մնում միայն այն դրօշակը, որը պարզում է ցեղի անունով եւ ցեղի համար''։
 
 
==IV։ Ցեղային ինքնաճանաչողութիւն==
 
''Մականախաղեր։ Շաւասպ Արծրունին երկու անգամ խլեց գնդակը Շապուհի ձեռքից։ Գոռոզ, բայց թուլամորթ Սասանեանը հայ իշխանի այդ յանդուգն յաջողակութիւնից առնուած, ասաց՝ «Ճանաչի՛ր քեզ» — «Այո՛, ճանաչում եմ ինձ, ասաց Շաւասպը, ես էլ թագաւորազն եմ»։ Հայոց պատմութիւն''
 
 
'''Սիրի՛ր պատմութիւնը'''
 
Քեզ չպիտի յորդորեմ մօտենալ պատմութեան, որպէս ուսումնասէր։ Մօտեցիր նրան որպէս ղեկավար, որին զբաղեցնողը ամէնից առաջ եւ ամէնից շատ մարդն է՝ իբրեւ զինուոր, քաղաքացի, պետական գործիչ, եւ զանգուածը, որպէս զօրք, ամբոխ, հասարակութիւն, որոնց ճանաչելու համար պէտք է ուսումնասիրել նրանց գաղափարները, կիրքերը եւ գործերը։
 
''Պետական գործիչի համար բացարձակ անհրաժեշտութիւն է պատմութեան ուսումնասիրութիւնը'', որովհետեւ պատմութիւնը այլ բան չէ, եթէ ոչ գործնական հոգեբանութիւն։ Նա է փաստեր եւ ապացոյցներ մատակարարում քեզ հետաքրքրող գիտութիւններին՝ ռազմագիտութեան, հոգեբանութեան եւ այլն։
 
Նա է լուսաբանում անցքերը, մերկացնում կեղծիքը, ասում ճշմարտութիւնը՝ կայացնելով իր դատավճիռը անհատների եւ ազգերի մասին։
 
Գիտէմ, քո միտքն ամէնից առաջ կանգ պիտի առնէ մեծանուն ռազմավարների վրայ։ Դու պիտի լսես Մեծ Մակեդոնացուն, որը կ՚ողբար, թէ այլեւս նուաճելու համար երկիր չի մնացել։ Կը լսես Կեսարին ու կը սքանչանաս նրանով, բայց եւ այնպէս պիտի դժուարանաս դատապարտել նրանց, որոնք ազատասիրութիւնից մղուած դաշնահար արին կամքի ու կորովի այդ եզակի տիտանին։
 
Քեզ պիտի խօսի Աննիբալը՝ Հռոմի փառքի ու մեծութեան անհաշտ թշնամին, որը յաճախ յաղթական եղաւ, բայց ոչ եւ երջանիկ։
 
Իր խօսքը կ՚ասի քեզ նաեւ հայ Տիգրան Աշխարհակալը, որը ըստ օտար պատմիչների, կ՚ընդունէր թէ երկրագունդն ստեղծուած է միայն իրեն համար։
 
Քեզ կ՚երեւայ վերջին մեծ ռազմավարը՝ Նապոլէոնը, որն ունեցաւ եւ Սուրբ Հեղինէն։
 
Ահա՛ փոքրիկ, բայց մեծ ու խստամբեր Սպարտան, որը մի օր հարկադրեց իր երաժշտին՝ փետել տաւիղի նոր լարերը, որոնք կարող էին բարքերի անբարոյացման ծառայել։
 
Տես եւ Հին Եգիպտոսը, ուր ծուլութիւնը կը համարուէր պետական յանցագործութիւն եւ ծոյլերը որպէս անօգուտ արարածներ, կը դատապարտուէին մահուան։
 
Ահա՛ աւարառու մեծահարուստ Ասորեստանը, արեւապաշտ Իրանը, գեղամոլ Հելլադան, Հռոմը, որ մեռան պերճանքի ու շքեղութեան մէջ։
 
Տաճկաստանը, որը պարբերաբար կը սեղմուի, կը ծուատուի, մինչեւ որ մի օր կործանուի դարերի ամօթն ու զզուանքը շարժող իր ոճիրների ծանրութեան տակ։
 
Ահա՛ քո հայրենիքը...
 
 
'''Ազգային պատմութիւն'''
 
Քիչ չեն այն գրքերը, որոնք գրուած են դարերի համար, բայց չկայ մի այլ գիրք, որն այնքան անհրաժեշտ եւ օգտակար լինէր քեզ համար, որքան ցեղիդ պատմութիւնը։
 
Ցեղիդ կեանքի հայելին է դա։ Մօտեցիր իրեն եւ դա ցոյց պիտի տայ քեզ դարերի այն վիթխարի գոյամարտը, որ մղել է հայութիւնը իր պետութեան սահմաններից դուրս եւ ներս։ Պիտի ասի քեզ, թէ իր ո՞ր առաքինութիւնների շնորհիւ նա յաճախ յաղթական է հանդիսացել, եւ ո՞ր բացասական յատկութիւններն են ճակատագրական դեր խաղացել իր հաւաքական նաւաբեկութիւնների մէջ։
 
Ցեղիդ պատմութիւնը կը վկայէ, թէ ի՛նչ աստիճան հայութիւնը ազդուել է իր հարեւաններէն եւ ունեցել քաղաքակրթական ազդեցութիւն նրանց վրայ։ Սեղմ ասած՝ նա կը պատմէ քեզ մեր անցեալ կեանքի բոլոր ելեւէջները, մեր յաղթական խոյանքները ու տխուր անկումները, մատնանշելով եւ դրանց պատճառները։
 
Ցեղիդ պատմութիւնը սակայն, անցեալի ցամաք նկարագրութիւնը չէ միայն։ Այլ նաեւ անցեալի խօսքը՝ ուղղուած ներկային ու ապագային. մեռելների ձայնը, որ կը խրատէ ողջերին, կը պատմէ քեզ, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հայութիւնը կորցրեց իր անկախութիւնը. թէ ի՞նչն էր հեշտացնում օտար տիրապետութիւնները Հայաստանում։
 
Մօտեցի՛ր մեր պատմութեան։ Դա ունի էջեր, որոնց ծանօթ օտարականն իսկ չի կարող յարգանքով չը լեցուիլ մեր ցեղի նկատմամբ։ Անմա՜հ էջեր, որոնց հերոսական վեհութեան մէջ հոգեպէս աճում է ընթերցողը։
 
Հաւաքի՛ր, իմաստուն հրամանատար, այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ, հերոսական մեր պատմութեան էջերում եւ լիաբուռն ցրիր բանակիդ հոգու եւ գիտակցութեան մէջ։
 
Միայն այսպիսով կը դաստիարակես մարտիկներ՝ միշտ պատրաստ իրենց մեծագործութիւններով աւելի եւս գեղեցկացնելու մեր ցեղի պատմութիւնը։
 
Սիրով եւ երկիւղած մօտեցիր ազգային պատմութեան, եւ մի՛ մոռանար, որ ''ցեղի հոգին ճանաչելու համար բաւական չէ միայն ուսումնասիրել նրա պատմութիւնը, պէտք է եւ վերապրել այն''։
 
Վերապրի՛ր, պատմութեան միջոցով վերապրիր ցեղիդ կեանքը։
 
 
'''Մեր պատմութեան տխուր կողմը'''
 
«Մենք հենց սկզբից տեսնում ենք տեղական իշխանների այն նախանձը, որ ամբողջ հայոց պատմութեան ընթացքում գլխաւոր պատճառն է դառնում այդ պետութեան կործանման, այդ ազգի թշուառութեան»։
 
Օտար պատմագրի այս վկայութիւնը անվերապահօրէն հաստատում է եւ մեր պատմութիւնը։
 
Նախա՜նձը, որ բազմիցս մեր անկախութեան գարշապարից է զարկել, քանիցս հայ ժողովուրդի տունն ու պետութիւնն է քանդել։
 
Շա՜տ են տխուր անփառունակ եւ ամօթալի մեր պատմութեան այն էջերը, ուր կը խօսուի նախանձի դեւով բռնուած հայ թագակրի, մելիքի եւ սրանց գործերի մասին։
 
Քրքրեցէք մեր պատմութիւնը եւ պիտի տեսնէք, թէ Արեւելքի եւ ոչ մի բռնակալ այնքան չարիք չէ պատճառել հայ ժողովուրդի դէմ, որքան իր մելիքի, իր իշխանի, իր թագաւորի նախանձը։ Խօսեցրէք մեր պատմութիւնը, եւ պիտի համոզուիք, թէ թշնամին Հայաստան է ներխուժել յաճախ այն ժամանակ, երբ իր նախանձոտ գլխաւորների շնորհիւ մեր ժողովուրդը ներքուստ պառակտուած է եղել։
 
Այո՛, ոչ մի արտաքին թշնամի այնքան անգթօրէն չէ հարուածել մեր ժողովուրդին, ինչպէս իր որոշ գործիչները։
 
Մատնութիւն, դաւաճանութիւն, եղբայրասպանութիւն,— ահա՛ սեւ գործերը նախանձի, որի երեսից այնքան արիւն ու արցունք է տեսել հայ երկիրը։
 
'''* * *'''
 
«Ոսկրի որդ» այսպէս է խօսում Աստուածաշունչը նախանձի մասին։ Միշտ էլ թուլութեան ծնունդ՝ նախանձը չէ կարողանում տանել ուրիշների բարիքը, յաջողութիւնը, փառքը եւ զինւում է նրանց դէմ։
 
''Երբ կայ ղեկավարների նախանձը՝ այլեւս աւելորդ են դառնում ժողովրդի բարձր առաքինութիւնները'', նրա որդիների արիւութիւնը, անձնւիրութիւնը, հայրենապաշտութիւնը։
 
Երբ մի ժողովրդի պետերը կը ղեկավարուեն նախանձի չար ոգով՝ այլեւս կարիք չկայ, որ այդ ժողովրդի հայրենիքը ներխուժող թշնամին ունենայ թուական, հոգեբանական եւ այլ գերազանցութիւնները։ Այն՝ ինչ որ չպիտի կարողանային կատարել թշնամու բանակները, կը կատարէ ինքնապաշտպանուող երկրի ղեկավարների չար նախանձը։
 
 
'''Հայ զէնքի փառքն ու ողբերգութիւնը'''
 
Բարոյապէս սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտութեան զգացումը՝ ծնունդ ազգային ինքնաճանաչութեան, որն իր սնունդն առնում է մեր պաշտամունքից դէպի այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական հայրենի պատմութեան մէջ։
 
Առանց այդ բարձր առաքինութեան բարոյապէս պակասաւոր է անհատը որպէս մարդ եւ որպէս անդամ որոշ հաւաքականութեան։
 
Իր սրբազան պահն ունի իր ամէն մի օրը, երբ մտովին անհուն կարօտով կը սկսիմ իմ պրպտումները հայոց պատմութեան էջերի մէջ։ Քաղցրութեամբ կ՚ոգեկոչեմ նրանց, որոնք հոգեկան գեղեցկութեան, անդիմագրաւելի արիութեան ու մեծագոյն վեհութեան համբուրելի հետքեր են թողել հայոց աշխարհում։ Կ՚ոգեխառնուիմ հայ զինուորին ու զօրավարին, կը վերապրիմ նրանց գոռ յաղթանակները եւ կարօտով կը բաժնուիմ նրանցից իրենց ազնուացուցիչ ընկերութիւնը վերստին վայելելու ցանկութեամբ։
 
Այսպէս կը սնուցանեմ ազգային հպարտութեան իմ զգացումը։ Չտկարանալու համար՝ կը կատարիմ իմ ամենօրեայ խորհրդաւոր զօրահաւաքը մեր պատմութիւնը զարդարող հոգիների, ապա կը խօսեցնեմ ու կը լսեմ նրանց։
 
Եւ ասում են նրանք.—
 
Գրեթէ չմնաց ցեղ, ազգ աշխարհում, որ մեր բազկի ոյժը չզգար՝ պոռոտ բաբելացին, հռոմէացիները կաշառող, աղուէսաբարոյ սասանեանները, բիւզանդացին նենգ, արաբն ու սկիւթացին ընչաքաղց, ալանները, քուշանները, կովկասեան լեռնականները աւարառու։ Այդ բոլորի եւ շատ ուրիշների հետ անհամար անգամ հարուածներ ու վէրքեր փոխանակեցինք։ Եւ յաճախ մեր բազուկը յաղթեց։ Սակայն, քիչ անգամ մեր արիութիւնից լիուլի օգտւել կարողացաւ մեր ցեղը, քանզի ''կար ընտանի թշնամին, ներքին թշնամին, որի վատութեանց կը պարտի հայոց աշխարհն իր դարերի քաղաքական խեղճութիւնը''։
 
Մեր բազուկէն՝ զինուորի եւ ռազմավարի՝ աւելի օտարն օգտուեց քան հարազատ երկիրը։ Եւ դրա համար էլ մեր քաջութեան հռչակը տարածուեց շատ հեռուները՝ մինչեւ Ասորեստան, Հռոմ, Հրէաստան եւ լեռները Կովկասի։
 
Տե՛ս, որքան շատ են մեր վէրքերը՝ ստացուած օտար հայրենիքների համար։ Անպարտելի էր օտար բանակը, երբ նրա զէնքի յաջողութեան համար, նրա կօղքին կը կռուէր եւ հայը, կամ երբ դա կ՚առաջնորդուէր հայ զօրավարի կողմից։
 
Մասնաւորապէս պարսիկն ու յոյնը չարաչար շահագործեցին հայ արիութիւնը,— ազգեր, որոնց անկայուն գահերի համար հայ արիւութիւնը հանդիսացաւ որպէս ուժեղ սիւն։ Մեզ զբաղեցնելով իրենց արտաքին թշնամիների դէմ՝ այդ ազգերը մեր արիութիւնը ծառայեցրին որպէս անխորտակելի պատուար իրար դէմ, մինչեւ որ մի օր էլ կը բաժանէին մեր աշխարհը։ Պարսիկն իր փառքի կէսէն աւելին մեզ կը պարտի։ Խոշոր բաժին ունինք եւ յունական փառքի մէջ...
 
«Միշտ էլ ուժեղին պիտի պատկանի երկիրը»։ Յովբի այդ խօսքերով է ազգերին խրատում պատմութիւնը։
 
Ուժեղը՝ ճշմարտօրէն արժանաւորն է, արին։ Ոգու ոյժն է ճշմարիտ ոյժը։ Ոգու ոյժն էր, որ քանակօրէն տկար Հելլադային առջեւ ծունկի բերեց անծայրածիր Պարսկաստանը։ Ոգու ոյժն էր, որ Հռոմ քաղաքի ձեռքին դրեց աշխարհի ճակատագիրը։ Այդ ոյժն էր, որ Տիգրան Մեծի օրով Հայաստանը վերածեց մեծ թագաւորութեան։
 
Ընկաւ Հայաստանը, քանզի ''անմիաբանութեան չար ոգին մեր ժողովրդից խլեր էր անօրինակ քաջութիւնից ազատօրէն ու լիուլի օգտւելու կարելիութիւնը''։
 
'''* * *'''
 
Արիութիւնը միակ ճշմարիտ կրօնն է՝ առանց որին ոչինչ արժեն կրօնները։
 
''Կեղծ է ամէն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարղապետութիւն, եթէ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իրեն ղաւանողին''։ Դատապարտելի է ամէն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որն արի եւ արիադաւան չէ դարձնում մարդը, որպէս անհատ եւ հաւաքականութիւն։
 
Կորցնելով իրենց արիութիւնը, այսինքն՝ իրենց առաքինութիւնները, ժողովուրդները կորցնում են նաեւ իրենց գոյութեան բարոյական իրաւունքը։
 
Արիութիւնն է կեանքի ու պատմութեան անիւը շարժողը։ Մեծ նկարագրեր, սրտեր, մտածումներ՝ արիութեան հարազատներն են, նրա արեւի ճառագայթներն են։
 
Արիութիւնը կորցնելով՝ ժողովուրդները կորցնում են իրենց մարդկային կարողութիւնները եւ առաքինութիւնները անկաշկանդ կերպով զարգացնելու եւ կատարելագործելու կարելիութիւնը։
 
Անարի ժողովուրդները ընկնում են օտար լուծի տակ, կորցնում իրենց անկախութիւնը, այսինքն՝ միակ հոգեւոր մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է ցեղերի առանձնայատուկ հանճարի փթթումը։
 
'''* * *'''
 
Քաջութի՛ւնը երբեք չտկարացաւ մեր ժողովրդի հոգու մէջ, մինչեւ մեր անկախութեան վախճանը, որից յետոյ հայ ձեռքը պիտի զրկուէր դարերով զէնք կրելու կարելիութիւնից։
 
Հայութիւնը չգիտէ իր պատմութիւնը, ինչպէս եւ չգիտէ օգտուել իր պատմութիւնից,— ահա՛ իր դժբախտութիւնը։
 
Նա ծանօթ չէ իր հերոսական անցեալին, իր հիասքանչ դիւցազնականին, եւ դրա համար էլ նա հաւատում է ամէն ինչի, միայն ոչ իր սեփական բազկի ոյժին. դրա համար էլ իր ամբողջութեան մէջ նա անմարտունակ է եւ պարտուողական։
 
Նրա համար Աւարայրի Մամիկոնեանը աւելի սուրբ է, նահատակ քան հերոս, ռազմիկ։
 
«Մեզ պէս անռազմասէր ու երկչոտ է եղել եւ հին հայը, այլապէս ինչո՞ւ պիտի կործանուէր մեր թագաւորութիւնը»,— այսպէս է տրամաբանում օրուայ հայութիւնը՝ մասնաւորապէս նրա առեւտրապաշտ մասը։
 
Նա չգիտէ, որ հայկական հարստութիւնները կործանուել են ոչ թէ արիութեան պակասի շնորհիւ, այլ մեր ցեղի ղեկավար տարրերի տարապայման երկպառակութիւնների եւ խռովութիւնների երեսից։ ''Ինքնակործան են եղել գրեթէ մեր բոլոր թագաւորութիւնները''։
 
Նա ոչինչ գիտէ իր ցեղի հնաւանդ ռազմունակութեան եւ ռազմական մեծագործութիւնների մասին, եւ դրա համար էլ նա անհաւատ է դէպ իր բազուկը, անյոյս՝ դէպ իր ապագան։ Դարերով հոգեւոր շանթարգելի դեր է կատարել հայ քաջութիւնը հայոց աշխարհի համար, զինաթափելով ու չէզոքացնելով բոլոր տեսակի մահաբեր հարուածները։ Եթէ Հայաստան արշաւող թշնամի հորդաները եղել են ծովի ալիքները, ապա ինքնապաշտպանուող հայ արիութիւնը յաճախ հանդիսացել է որպէս ծովափեայ ժայռ, որին զարնուել եւ ցնդել են արտաքին թշնամութեան յորձանքները։
 
Այո՛, օրուայ հայութիւնը չի ճանաչում իր դասական արիների համաստեղութիւնը։ Իր անմեռ քաջերի պաշտամունքը նա չունի։ Նա չէ դաստիարակւում նրանց մեծագործութիւններով։ Ահա՛ մեր դժբախտութիւնը։
 
Եւ մեղաւորը ժողովուրդը չէ, այլ այն տարրը, որի ջանքերով ինքնաճանաչութեան է բերւում ժողովուրդը։ Մտաւորականութի՛ւնն է մեղաւոր։
 
'''* * *'''
 
Մէկից աւելի անգամ դժբախտութիւն եմ ունեցել լսելու հայրենի պատմութիւն դասաւանդող հայ ուսուցչին եւ խորապէս ցաւել եմ մեր աշակերտող սերունդի համար։ Մեռելների մասին է խօսում մի կենդանի մեռեալ։ Պատմութիւնը նրա համար անհոգի կմախք է եւ ոչ թէ բաբախուն սիրտ։ Նա գիտէ ցամաք անցքեր, թուեր, անուններ... այսքանը միայն։ Նա միեւնոյն տրամադրութեամբ է խօսում եւ Տիգրան Մեծի եւ վեստ Սարգիսի մասին։
 
Հպարտութիւնից չեն դողում, չեն լայնանում նրա ռունգները, երբ պատմում է թէ ինչպէս պարսից արքան՝ հայ սպարապետի (Մուշեղ Մամիկոնեանի) անօրինակ քաջագործութիւններից հիացած, ամէն անգամ, երբ գինու բաժակը շրթունքներին կը մօտեցնէր՝ կը դժուարանար չբացագանչել՝ «Ճերմակաձին գինի խմէ»։
 
Ամօթի զգացումը չէ այրում նրան, երբ իր խօսքը խռովասէր հայ նախարարների մասին է։
 
Սեղմ ասած՝ ստեղծագործ վերապրում չէ հայ ուսուցչին աւանդած պատմութիւնը, որովհետեւ իրեն պակասում է ազգային հպարտութեան նուիրական զգացումը։
 
Գերազանցօրէն հայրենասէր,— ահա՛ թէ որպիսի մէկը պէտք է լինի պատմութեան դասատուն։ Եթէ այդպէս չէ, ասել է՝ նրա տեղը դպրոցը չէ. ասել է՝ նա բարոյապէս ազատ չէ ձեռքն առնելու մեր ցեղի կեանքի սրբազան գիրքը։
 
 
'''Նահապետ, թագաւոր, սպարապետ'''
 
Հա՜յկը, անմեռ փառքը իր ցեղի, այսպէս կը խօսէր իր մարտիկներին.
 
«Յարմար վայրկեանին կը լարի փորձ որսորդն իր աղեղը եւ միշտ անվրէպ ու մահառիթ է իր հարուածը»։
 
— Մի սեղմ խօսք, որի մէջ խտացուած է ռազմարուեստի ողջ գաղտնիքը։
 
Յարմար վայրկեանին մահառիթ հարուած,— ահա՛ թէ ինչ է պահանջում իմաստուն ռազմագիտութիւնը։
 
Այսպէս, բնազդական ռազմագէտ ու մարտավար է հայ նահապետը, որի աննուաճ արիասրտութիւնը այսպէս կը պատասխանէր Նեբրովթի բանբերներին՝ — «Որսորդի հեռաձիգ նետը պէտք ունի ազատ եւ ընդարձակ տեղերի»։
 
Ասել է՝ գիտէ հայ ահաւոր աղեղնաւորը, թէ ժողովուրդներն անկաշկանդ կերպով զարգանալու համար հարկաւոր է երկու բան՝ յարաբերօրէն ընդարձակ երկրամաս եւ քաղաքական անկախութիւն։
 
Ահա՛ եւ Արամը, որն իր ուխտն ունի՝ ''մեռնել, բայց չտեսնել օտարի պղծիչ գարշապարը հայ երկրի վրայ''։
 
Նինոսը, դեռ անծանօթ հայ բազկի ոյժին եւ նետի անվրէպութեան՝ հեղեղի պէս շարժւում է դէպի Հայաստանի սահմանները՝ իր աշխարհակալական ագահութիւնը յագեցնելու յանդուգն ցանկութեամբ։
 
Արթուն է, սակայն հայ նահապետի աչքը, եւ ահա՝ սակաւազօր, բայց արիաշունչ մի զօրաբաժինով նա դիմաւորում է թշնամուն իր երկրի սահմանների վրայ, արհամարհում է նրա բազմաւորութիւնը, նետւում նրա վրայ, խորտակում նրա ոյժերը, եւ գերելով գոռոզ Մադէսին, բերում է Արմաւիր, ուր նրա գանկը երկաթէ ցիցերով մխում է աշտարակի բարձր գագաթի վրայ՝ առ ի խրատ Հայաստանի արտաքին թշնամիների...
 
Հաւասար չափով հայրենապաշտ եւ ռազմիկ է հայ նահապետը։
 
Ուխտի ոյժն է նրա ոյժը՝ մեռնել, բայց տեղի չտալ։
 
Խորտակելով Նինոսի գերադաս ոյժերը, նա ոչ միայն խստիւ պատժում է հայ երկրի թշնամիներին, այլեւ իմաստուն դաս է տալիս հայութեան գալող առաջնորդներին, թէ ինչպէս պէտք է ապահովել Հայաստանի անմատչելիութիւնը արտաքին վտանգի դէպքում։
 
Հայ նահապետը պիտի ուզենար ասել՝
 
— ''Մահն ու թշնամին միշտ էլ տեղի են տալիս մեռնելու մտքի հետ հաշտուած ռազմիկի առջեւ։ Ուխտեցէ՛ք մեռնել եւ ձեր ճակատէն չպիտի ընկնի փառքի պսակը''։
 
'''* * *'''
 
Ահա՛ եւ հայ աշխարհակալը՝ Մեծն Տիգրանը։
 
Լսենք Պլուտարքոսին հայ մեծ ռազմիկի մասին, որ մինչեւ խոր ծերութիւն անձամբ կը ղեկավարէր իր բանակները։ «Հռոմէական ամենատաղանդաւոր զօրավարներն անգամ, թէեւ անհաշտ թշնամիներ, ընդունում էին, որ աշխարհի ամենահզօր եւ մեծ թագաւորները Միհրդատ Պոնտացին եւ Տիգրան Հայն է»։ «Նա, Տիգրան Մեծը, այնպիսի ջարդ տուեց պարթեւներին,— ասում է Պլուտարքոսը,— որ մինչեւ մեր օրերը ոչ ոք չի կարողացել գերազանցել հայերին»։
 
«Տիգրանի անձնաւորութիւնը,— ասում է Դոլենսը,— կարող է մեզ ներկայանալ իբրեւ իր ազգի ամենաբնորոշ պատկերը։ Նրա մէջ առաւելութիւնները եւ պակասութիւնները արտայայտւում են մեծ ծայրայեղ չափերով։ Որոշ դատաւորների աչքում պակասութիւնները շատ դէպքերում գերակշռում են»։
 
Ոչ, ոչ, անարդար է օտարի այդ դատաստանը։
 
Հայ աշխարհակալի թերութիւնները ''մեծութեան յատուկ թերութիւններն են''։
 
«Որքան մեծ կարողութիւններ ու բոցավառութիւն ունի անհատը՝ այնքան աւելի գործունեայ է նա, այնքան աւելի սխալներ է կատարում»։
 
Ահա՛ եւ Արշակ, որը որպէս նշանակ պոնտացիների դէմ տարած իր յաղթանակի Սեւ Ծովու եզերքում կանգնեցնել է տալիս մի քարէ կոթող եւ ապա արձակելով նետը՝ խորապէս թաղում է նրա մէջ։
 
Եւ օտարը տարիներով պաշտում է հայ բազկի թափը խորհրդանշող բոլորատէգ նիզակը՝ համարելով դա գերմարդկային գործ։
 
Այս դիւցազնին պիտի յաջորդէր իր աշխարհակալ որդին՝ Արտաշէս Ա, որի բանակների մասին ասում է պատմիչը. «Երբ ամէնքը նետ արձակէին՝ արեւը կը մթագնէր, եւ եթէ ամէն մէկը քար նետէր՝ բլուր կը ձեւանար»։
 
Հպարտ էր, ռազմասէր եւ կ՚եռար աշխարհակալելու կրքով։
 
Ըստ Դիոտորոսի՝ մի մեծ երազ ունէր նա՝ նուաճել ողջ տիեզերքը։ Ահա՛ այդ կամքի տիտանը, որ կը սիրէր յաճախ մտմտալ եւ աշխարհի ունայնութեան մասին պիտի բացագանչէր մի օր՝ «Աւա՜ղ փառացս անցաւորի»։
 
Հապա Տիգրան թագաւորա՞ցն, Կիւրոսի աշխատակիցը, որը փրկեց Պարսկաստանը Մարաց Աժդահակի սարսափից։
 
Հապա Վահա՞գն, որդին Տիգրան Մեծի, հայ Հերակլէսը, որն իր անօրինակ քաջագործութիւնների համար կը պաշտուէր եւ վրաց ժողովրդէն։
 
'''* * *'''
 
Մեծն Տրդատը, բարեկամն ու դաշնակիցն էր աշխարհակալ Հռոմի։ Ըստ Կոստանդիանոսի՝ «Արեւելքի ահեղանշան թագաւորը»։
 
Նրան ճանաչում է յաւիտենական քաղաքը, ուր նա դափնիով պսակուած էր իր քաջագործութիւնների համար։
 
Դիոկղետիանոսի օրով նա մենամարտել էր Գոթաց հսկայի հետ, յաղթել նրան եւ փրկել Հռոմի անունը։ Հայերի քաջութեան հռչակը այնքան էր տարածուած Հռոմէացիների մէջ, որ Կոստանդիանոսը խնդրում էր հայ թագաւորէն Հռոմ ուղարկել երեք հարիւր «հասակով եւ արիութեամբ հոյակապ» հայ զինուորներ, որոնց պիտի նշանակէր որպէս գահապահ, թիկնապահ եւ որպէս առաջապահներ պատերազմի ժամանակ։
 
Այս մեծ հայը պատմութեան մէջ, իր գործերի հետ, թողել է նաեւ մի իմաստալի դարձուածք՝ «Մարդկային դրութեան բարձունքներում արդար է այն, ինչ որ ուժեղ է»։
 
Նա պիտի ուզէր ասել եւ հետեւեալը.
 
«Եղէք քաջ, եւ աշխարհի ամենաուժեղն իսկ պիտի փնտռի ձեր զինակցութիւնը»։
 
'''* * *'''
 
Հայաստանի ամենանեղ օրերին էր, երբ բախտը հայ սուրը յանձնեց Մուշեղին, որ խնկելի Մամիկոնեան էր՝ անզուգական որպէս մենամարտիկ, ռազմավար եւ ասպետ։ Հայ բազկի ոյժին ծանօթ թշնամին եկել, տիրել էր Միջագետքին եւ աւեր ու մահ էր սփռում մինչեւ Վասպուրական։ Մուշեղին էր վիճակուած չափուիլ նրա հետ։
 
«Իբրեւ թռչուն ձիարշաւ կը սլանայ թշնամին։ Ահագին է նրա գեղարդը, բայց ոչինչ։ Հայ բազուկը ճարտարութեամբ յետ է մղում հակառակորդի առաջին հարուածը եւ ապա, անցնելով յարձակման, շանթահար գետին է փռում թշնամին։ Յաղթական է հայոց զօրքը, Մուշեղի գլխաւորութեամբ։ Մուշեղի համբաւը փառքի թեւերով կը տարածուի մինչեւ Ասորեստան, ուր օտար ժողովրդի հիացումը պողովատիկ գրչով կը գծագրէ Մուշեղի պատկերը՝ — հայ սպարապետը երիվարի վրայ եւ հոնը իր ոտքերի տակ։
 
Այս հերոսին էր վիճակուած, Պապ թագաւորի օրով, Հայ Երկրի ամբողջութիւնը վերականգնելու ճիգեր կատարել։ Այդ իսկ նպատակով նա վերակազմում է Հայաստանի զինուորական ոյժը եւ վերապրեցնում հայ զէնքի հմայքը։ Նա է սանձահարում եւ հնազանդութեան բերում Հայաստանի ծայրագաւառները։
 
Զօրահանդէս է, եւ ահա՝ թագաւոր եւ կաթողիկոս օրհնում են Մուշեղի բանակը։ Այլեւս պարսիկների սարսափն է Մուշեղը։
 
Ահա՛ եւ Ձիրաւը, ուր իրար են մաշում հայ եւ պարսիկ սրերը։ Հայ սպարապետի քաջութիւնը այստեղ, այս անգամ էլ հոմանիշ է յաղթութեան։ Մեծ է հայոց յաջողութիւնը,— եւ երախտագէտ ժողովուրդը Ձիրաւի յաղթութեան ժամը կոչում է «Ժամ Մուշեղայ»։ Եւ այդ մեծ ժամը,— որն ըստ մեր պատմիչների, իրաւունք ունէր Արտաշէսի եւ Տիգրան Մեծի շարքը դնելու իրեն, բայց մնաց մի համեստ սպարապետ,— մի օր պիտի զարնուէր հայ նախանձից։ Վարազդատ թագաւորը, իր պալատական քսուներից թելադրուած՝ ընթրիքի է հրաւիրում մեծագործ Մամիկոնեանին եւ սպանել տալիս դաւադրաբար։
 
«Ի վերայ բազում իմոց վաստակացն արեան եւ քրտան ա՞յս հատուցումն եղաւ ինձ»,— ասում է հոգով դառնացած սպարապետը, ապա ցաւ է յայտնում, որ չէ մեռնում ձիու վրայ։
 
Այսպէս, եղբայրասպան ձեռքից կ՚ընկնէր նա, որն իր բոլորանուէր անձն էր դրել իր երկրի շէնութեան ու ապահովութեան համար։
 
'''* * *'''
 
Ահա՛ Մանուէլ Մամիկոնեանը։
 
Նա ունի գերագոյն իշանութեան նշաններ՝ սամոյր, ոսկէ եւ արծաթէ գարգմանակ, սաղաւարտի զարդ, լանջազարդ, որ կը կրէին թագաւորները եւ մեծամեծ արծուանշան վրաններ ունենալու իրաւունք։
 
Մի մտասեւեռում ունի այս մեծանուն հայ սպարապետը՝ վերականգնել Արշակունիների թագաւորութիւնը։ Ահա՛ թէ ինչու նա պիտի քշէր պարսկական զօրքերը Հայաստանի սահմաններէն դուրս եւ վերացնէր պարսկական մարզպանութիւնը։ Պարսկաստանը, սակայն, չէ ուզում հաշտուել ստեղծուած դրութեան հետ եւ Հայաստան է մտցնում մեծամեծ բանակներ։ Ահա՛ այդ կռիւներն էին, որ պիտի աճեցնէին Մանուէլի փառքը։ Միայն երկու բիւրեակներով նա աննախընթաց յաջողութեամբ ջարդում է թշնամու մեծամեծ բանակները։ Նրա նուիրական սրի վրայ երեք պարսիկ զօրավարների արեան հետքերը կան։
 
Վերջին անգամ այդ ծեր առիւծը չափւում է հայ հայրենիքին այնքա՜ն չարիքներ հասցրած Մերուժանի հետ։ ճակատամարտի ժխորի մէջ սպարապետը փնտռում է հայ դաւաճանին։ Բայց ի զուր. չկայ, չի երեւում ուրացողը. իր նշանները նա տուել է կրելու իր մի զինուորին եւ ինքը կռւում է որպէս սոսկական զինուոր։ Հայ սուրը դիակի է վերածում եւ Մերուժանի շքանշանները կրողին։ Դարձեալ ի զուր. դաւաճանը չէ սպանուածը։ Վերջապէս, մատնւում է հրէշը։ Մանուէլը ճանաչում է նրան ձի նստելու եղանակից եւ յարձակւում նրա վրայ։ Ուժեղ է բախումը, եւ ահա՝ երկու ախոյեանները վայր են գլորւում ձիերից։ Այդ վայրկեանին վրայ է հասնում Բաբիկ Սիւնին եւ կտրում ուրացողի գլուխը։ Վերստին պարսից զօրքերի բաժինն է խուճապը, կոտորածը, փախուստը...
 
Այդ փառահեղ օրէն հայոց աշխարհի վրայով խաղաղ տարիներ են անցել,- եւ ահա հայութիւնը՝ ծերացած։ Դառնօրէն լալիս է մեծ սպարապետը, որ մեռնում է կռուից դուրս։ Ա՜հ, նա, որ կ՚երազէր արծուի իր աչքերը փակել մի գոռ ճակատամարտում, հայոց զօրքերի յաղթական աղաղակների մէջ, այժմ կը հոգեվարէ անկողնում։ Հայ հսկան՝ ապաւէնը հայոց աշխարհի՝ բիբլիական պարզութեամբ մերկացնում է իր մարմինը իր մահիճը շրջապատողների առջեւ եւ ցոյց տալիս պատուոյ իր վէրքերը՝ ստացուած հայ երկրի անկախութեան եւ փառքի համար։
 
Նա թողնում է իր անարծաթ կտակը՝ «Անուն քաջութեան յերկրի թողուք եւ ամենեւին մահուանէ մի երկնչիք»։
 
 
'''Վարդան'''
 
Վայրկեաններ կան, աստուածային պահեր, երբ անհատն աւելին է, քան սոսկական մարդ, օրինակ` երբ նա համոզուած է, որ իր առնելիք հերոսական խոյանքի ժամանակ շանթահար պիտի լինի, պիտի զարնուի մահէն, բայց եւ այնպէս առնում է իր վերջին թռիչքը։ Այո, այսպիսին այլեւս աւելին է քան մարդ։ Այսպիսիներից էր Աւարայրի Վարդանը՝ խնկելի առարկան իր ժամանակի հայութեան հիացումի ու սիրոյ։
 
Արդար է, որ Վարդանի մասին մտքի գինովութեամբ խօսի Ալիշանը։ ...«Եւ երբ մեծամեծ ոսկեփայլ գալարուն եւ անգալար պղինձներն լայնաբոլոր բերաններն յերկինք շտկած՝ իբրեւ յետ երկայն հառաչանաց՝ հայկական պատերազմի եղանակը հնչեց, ո՜հ, բոլոր բանակն, գետին ու լերինք թնդալով դոփելով որոտացին. «Փա՜ռք հայոց, սուրբ սպարապետ, Վարդան քաջ»։ Հայոց ընդամէնը վեց բիւրեակ զօրք դիւցազնի գլխաւորութեամբ ճակատ է յարդարել պարսից եօթնիցս առաւելաթիւ ուժերի դէմ։ Այս անգամ հայ ռազմիկը հագած է եւ հաւատքի զրահ։ Այստեղ էլ թշնամու կողմն է թուական գերազանցութիւնը, բայց ոչինչ։ Զինակցած են հայ խաչն ու նիզակը։ Հայը մեռնիլ գիտէ եւ ահա՛ սկսուել է տերեւաթափը պարսից սուինների անտառում։ Բայց — անէ՜ծք դաւաճանին — պարսկասէրների կուսակցութեան պետի ղեկավարութեան յանձնուած չորրորդ հայ գունդը անսպասելիօրէն անցնում է թշնամու կողմը՝ յաջողութեան նժարը թեքելով անարի թշնամու կողմը։ Եւ հայ ժողովրդի հետ ողբում է նաեւ պարսից արքան՝ յիշելով հայ ռազմիկի անլուր քաջագործութիւնները «ի վերայ աշխարհին արեաց»։
 
'''* * *'''
 
Աւարայրից իսկ յետոյ հայութիւնը անխօս կը յայտարարէր իր հարեւաններին՝ «տակաւին անխոնարհելի է իմ բարկութեան սուրը», քանզի ''հերոսական ամէն մի մահ աշխարհ է բերում նոր հերոսներ'', քանզի Վարդանին յաջորդել էր իր եղբօրորդին՝ Վահանը, որն իր ռազմավարական վարպետութիւնների համար հիացող ու պաշտող ժողովրդի կողմից Գայլ անունն է ստացել։
 
Վահան, Աշոտ Երկաթ, Բաբգէն Սիւնի, Գէորգ՝ Երկաթի զինակիցներէն, Դաւիթ Կուրապաղատ, Վասակ՝ Սմբատ Բ.-ի զօրավարը,— ահա՛ փաղանգը հայ պարտիզան ռազմիկների, մէկը միւսէն կայծակնաշունչ, պատերազմափորձ եւ արի. բոլորն էլ ծանօթ՝ սակաւ ոյժերով մեծաթիւ բանակների դէմ յաղթական կանգնելու աստուածային արուեստին. բոլորն էլ մահուան հետ կանխածանօթ եւ անմահացած՝ իրենց քաջագործութիւններով։
 
Պարսից սպառազէն բազմութիւնները հեգնող Վահան Մամիկոնեանը մի օր անսպասելիօրէն պաշարւում է Դուինում։ Չուզելով պատճառ դառնալ քաղաքի դժբախտութեան՝ հայ ասպետը դուրս է նետւում քաղաքից, ճեղքում պարսից զօրաշղթան եւ անցնում Շտղագոմ գաւառը։ Թշնամին նրան պաշարում է եւ այստեղ, բայց ի զուր։ Անընկճելի եւ հնարագէտ է հայ ռազմիկը։ Բահ ու բրիչներ տալով գիւղացիների ձեռքը, նրանց բերում շարում է իր զօրամասի գրաւած դիրքերի վրայ եւ ապա մի բուռ կտրիճ պարտիզանների հետ, թեւանցի դիմելով, շանթի պէս ընկնում է պարսից զօրքերի վրայ, խուճապի, խռովութեան ու ջարդի մատնելով թշնամուն։
 
Մի ուրիշ անգամ այդ օրինակելի պարտիզանը Շապուհի զօրքերը յանկարծակիի է բերում երեք տասնեակ ուխտակիցներով միայն, այնուհետեւ մնալով ահն ու սարսափը պարսից զօրավարների, որոնք դողում են նրա անունից անգամ։
 
'''* * *'''
 
Ահա՛ եւ երկաթէ ռազմիկը, Աշոտ Բ-ը, որ երկու հարիւրակ հրոսակներով իր խօլական թռիչքն է առնում Շամշուդէ բերդի դէմ, որի պաշտպանութիւնը յանձնուած էր հազար բերդապահների։ Կայծակի արագութեամբ նա խորտակում է թշնամու ասպարափակ ճակատը եւ սեպաձեւ թաղւում նրա ջոլիրների մէջ։ Շատ քիչերին է յաջողւում փրկել իրենց կաշին։
 
Մի ուրիշ անգամ երկու հարիւր ռազմիկներով նա դուրս է գալիս թշնամու ութ հազարի դէմ եւ «իբրեւ հողմ» փոթորկում, ցանուցրիւ տալիս թշնամու զօրամասերը, դափնեպսակելով հայ պարտիզանի ճակատը։
 
Երկաթն իր ուխտակիցներն ունի, որոնցից մէկը գործում է Գեղամայ լճի ափերում։ Գէորգն է դա, որին մի օր յանկարծակիի է բերում հագարացւոց մի հազարեակ։ Ոչինչ, կտրիճ հայը, թող որ միայն երկու տասնեակ առձեռն զինակիցներ ունի, չի տատանւում ձիարձակ նետուելու թշնամու վրայ եւ փախուստի մատնելու նրան։ Այստեղ էլ հայ արիութիւնը չէ հարցնում թշնամու թուի մասին։
 
Կայ եւ Թովմաս Արծրունու կողմից փառաբանուած Գուրգէնը՝ որդին Վասպուրականի իշխանի, որը հազարի չհասնող իր զօրագնդով ջարդում է Բուղայի մէկ ու կէս բիւրեակ ոյժերը։ Նոյնը Սպեր գաւառում չորս տասնեակ պարտիզաններով պարտութեան է մատնում յունական մի հազարեակ։ Յոյն զօրավարը զարմացած մի բուռ հայ կտրիճների անօրինակ հերոսութիւնից՝ այդ մասին տեղեկագրում է յունաց Միքայէլ թագաւորին։ Գուրգէնի ձեռքը դրուած հայ սրի ոյժը զգում են եւ տաճիկները։
 
Հայ կտրիճից ծեծուած ու փախուստի մատնուած տաճիկ զօրքը, օրեր անց՝ կրկնում է իր յարձակումը հայերի դէմ, բայց վերստին ջարդն ու պարտութիւնն է լինում իր բաժինը։
 
Բուղան լսելով հայ արիութեան տարած այդ նոր յաղթութիւնների մասին, փոխում է իր քաղաքականութիւնը եւ սուսեր, գօտի եւ արաբիկ երիվար ուղարկում Գուրգէնին, կարգում է նրան իշխան։ Այսպէս, հայ արիութեան գնով է ձեռք բերւում եւ Վասպուրականի ժամանակաւոր խաղաղութիւնը։
 
Մեր դասական պարտիզանների փայլուն համաստեղու-թիւնից է եւ Բաբգէն Սիւնին, որը Սիւնիք ներխուժող արաբական չորս հազարից անց զօրագունդը իսպառ ոչնչացնում է երկու հարիւրակ պարտիզաններով։ Դաւիթ Կուրապաղատը, որ տասնապատիկ նուազ ոյժերով աննախընթաց յաղթութիւն է [տանում] Ապահունիքում բանակած արաբ հարիւր հազարից անցնող զօրքերի դէմ։
 
Վասակը՝ Սմբատ Բ.-ի սպարապետը՝ լսելով սկիւթացւոց ներխուժման մասին — որոնց ալիքը կը մօտենար Բջնի բերդին, սակաւաթիւ զօրքով դուրս է գալիս նրանց դէմ։
 
Տեսնելով սկիւթացւոց անհաշիւ ու խառնախռիւ բազմութիւնը, հայերը վճռում են առաքինանալ կռւում։ Եւ գործի են անցնում «որպէս գայլ ի մէջ այծեաց»։ Թշնամու շարքերից դուրս է նետւում մի քաջ ախոյեան, որին իւրայինները, «եօթը գայլ» կը կոչէին՝ իր ոյժի եւ յանդգնութեան համար, եւ առաջ է խաղում որոտալով «որպէս սեւ ամպ»։ Բայց փա՜ռք հայ սպարապետին եւ իր պողովատ թուրին. սկիւթացի հսկան փռւում է գետին, իսկ զօրքը սարսափով բռնւած փախչում է Հայաստանից։
 
Ահա մէկը մեր քաջանուն Աշոտներից, որի արիական շարժուձեւի մասին չէ կարելի խորհրդածել առանց հիացումի։
 
Աղօթքի ժամն է եւ հայ ռազմիկը Աստուծոյ հետ կը խօսի։ Աղօթողի դրութեան մէջ թշնամին կը պաշարի հայ զօրականին, բայց անկարող կը լինի խանգարել նրա խօսքն ընդ Աստուծոյ։ Նա լուռ է, բայց դուք լսում էք նրա խօսքը՝ իմն է յաղթութիւնը, քանզի «ես նոր իւղով օծուեցայ»։
 
Հաւատքի զրահով զինուած հայ մարդը անխռով կը վերջացնի իր աղօթքը եւ ոտքի կը կանգնի՝ թշնամու յանդգնութիւնը պատժելու վճռականութեամբ։ Որպէս փորձառու ռազմավար, նա իր հարուածներն նախ ուղղելով թշնամու գլխաւորների դէմ, գետին կը գլորէ նրանց, որից յետոյ ջարդի եւ փախուստի կը մատնէ նրա անտիրական զօրախմբերը։
 
Ահա՝ մի ուրիշը մեր Աշոտներէն՝ Վասպուրականի իշխանը, որի զօրամասի վրայ Տարօնի դաշտում անսպասելիօրէն յարձակւում է արաբական հսկայաթիւ այրուձին։ Բարձրանում է հայ առիւծի մռնչիւնը եւ նրա զօրքը, որպէս պողպատէ պատնէշ ցցւում է թշնամու հեծելազօրքին դէմ։ Կորցնելով իր աջը, հայ իշխանը գործել է սկսում ձախ ձեռքով։ Մերթ ընդ մերթ լսւում է Աշոտի յուսատու կանչը եւ հայ զինուորները, կատաղութեամբ գինով, առաջանում են որպէս գնչաւոր ու շարժուն պարիսպ։ Ահաւոր է, անհաւասար գիրկընդխառն կռիւը։ Ահա՛ մէկ էլ վերջին անգամ բարձրացաւ վիրաւոր առիւծի մռնչիւնը, մի վերջին յոյժ յանդուգն գրոհ եւս,— այլեւս մինակ են հայերը կռուադաշտում, քանզի խելակորոյս փախչում է թշնամին իր մեռելները կոխկռտելով։
 
Ահա՛ արի արանց մի այլ փաղանգ, որոնց քաջագործութիւններից այնքա՜ն օգտուել են օտարները.— Բաբիկը՝ Անդոկ իշխանի որդին, Դրաստամատը, Աշոտ Արծրունին, Սմբատ Բագրատունին, Զօրավար Վասակը եւ այլն։
 
Հոները, որոնք իրենց ձիերի թամբերի տակ կ՚եփէին միսը, նեղն էին դրած դուռն ու երկիրը։ Այդ բարբարոսների շարքերից առաջ էր նետուել Հոնանդուր անունով մէկը եւ ասպարէզ էր կարդում պարսից թագաւորին։ Անհնարին բարձր էր հասակը հսկայի։ Իր ահեղատիպ տեսքով ու սպառազինութեամբ նա զարհուրանք էր մտցրել պարսից ու մարաց զօրքերի մէջ։ Հայ նախարարների խորհրդով Շապուհը Հոն հսկայի դէմ է հանում Սիւնեաց Բաբիկին, որը պարսից արքունիքում բազմիցս աչքի էր ընկել իր քաջագործութիւններով։ Սկսւում է մենամարտը եւ հայ քաջազնի միասայրի սուսերը գետին է փռում «վիշապազօր» հիւսիսականին։
 
Ա՜խ հա՛յն է, այստեղ էլ հա՛յն է, որ փրկում է կեանքը, երկիրը, փառքը օտար վեհապետի։ Ի վարձ իր այդ ճակատագրական քաջագործութեան՝ Բաբիկը ստանում է իր հայրենական տէրութիւնը՝ Սիւնեաց Աշխարհը։ Քաջ հօրը պիտի յաջորդէր իր որդին՝ քաջաց նուիրակ Գրիգորը։
 
'''* * *'''
 
Գիտենք, որ հայ արիւութիւնն էր, որ յանձին Տիգրան թագաւորազնի՝ Աժդահակի բռնութիւնից փրկել էր Պարսկաստանը, իսկ տիրասէր Դրաստամատի միջոցաւ պարսկաքուշան պատերազմում ազատել էր պարսից արքայի կաշին վերահաս վտանգից։
 
Ահա՛ օտարի փառքն աճեցնող մի այլ դիւցազուն՝ Աշոտ Արծրունին, որ զրկուած իր հայրենի երկրից՝ կը պահուէր Ամիրապետի արքունիքում։
 
Տաճիկներն ապստամբել են արաբ տիրապետութեան դէմ։ Ամիրապետի որդի Մուսէն, իր հետ առած Աշոտին, շարժւում է ապստամբների դէմ։ Նա խոստացել է հայ իշխանին վերադարձնել իր տէրութիւնը, եթէ յաջողութեամբ պսակուի իր արշաւանքը։
 
Հիւանդութիւն ձեւացնելով, հայ քաջը սկզբում չի մասնակցում ճակատամարտին, մինչեւ որ արաբների դրութիւնը կը դառնար սպառնական, որից յետոյ աշտանակելով իր երիվարը, խրախոյսի խօսքերով նա կը դառնայ հայ ռազմիկներին՝ «Հապա՛, հայոց քաջեր, այժմ թող ճանաչեն մեզ եւ մեր արիութիւնը»։ Գործի է սկսում հայոց ազատագունդը ու ժամեր յետոյ բախտը իր վճիռն արձակում է ի նպաստ արաբների։
 
'''* * *'''
 
Ահա՛ եւ Սմբատ Բագրատունին, որ բախտորոշ ծառայութիւններ է կատարել պարսից արքունիքին։ Մենամարտելով նա սպանել է հեփթաղների արքային՝ աճեցնելով պարսից փառքը։
 
Թշնամիների չարախօսութիւններից տարուած, պարսից յիմար թագակիրը մի օր երախտաշատ հայու վրայ բաց է թողնում գազաններ։ Հայ կտրիճը զարկում, սպանում է արջը, բռնելով եղջիւրներից, սպանում է ցուլը։ Բռնելով առիւծի ականջներից, հեծնում է նրան։ Քաջութեան այդ հրաշախառն գործերն նա կատարում է մի օրուայ մէջ եւ վերստին մեծարւում անհաստատ արքայէն։
 
Հասակով բարձր, տեսութեամբ գեղեցիկ եւ անասելիօրէն քաջ է հայ զօրականը։ Անտառներից անցնելիս երկու ձեռքով նա բռնում է ծառի ճիւղերը եւ ոտքերով բարձրացնում ձին։
 
Սմբատի քաջութիւնը անթառամ դափնիներ է խլել Վարդանակերտի ճակատամարտում, որն այնքան դրուատել են հայ պատմիչները։
 
Այս կռւում իսմայիլացիները թւապէս կը գերազանցէին հայերին գրեթէ տասն անգամ, բայց եւ այնպէս հայերը անմահ Բագրատունու առաջնորդութեամբ ջարդում են թշնամու զօրքերի մի մասը, իսկ մնացած ոյժերը հալածական առնելով թափում են Երասխը։
 
'''* * *'''
 
Ստոր խաբէութեամբ պարսից արքունիքն է կանչուած Վասակ Զօրավարը՝ ծանօթ հերոսը պարսկահայ երեսնամեայ պատերազմի։
 
''Շապուհը'' — Աղուէ՛ս, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արեաց զինուորներին։ Այժմ դու կը սպանուես աղուէսի պէս։
 
''Վասակը'' — Մի ժամանակ առիւծ էի քեզ համար, այժմ եմ աղուէս դարձել։ Քանի որ Վասակն էի, հսկայ էի, մի ոտս մի սարի վրայ էի դրած, միւսը՝ մի ուրիշ սարի վրայ։ Երբ աջ ոտիս վրայ էի յենւում, աջ ոտքս էր մտնում գետնի տակ, իսկ երբ ձախ ոտիս վրայ էի յենւում, ձախ սարն էր գետնի տակ անցնում։
 
Շապուհը հետաքրքրուեց իմանալ, թէ այդ ի՞նչ սարեր են, եւ Վասակը բացատրեց, թէ մէկը ինքը Շապուհն է, միւսը յունաց թագաւորը։
 
Ճշմարտութիւնն էր, որ հայ զօրավարի շրթունքներով կը պատասխանէր պարսից գահակալին։
 
Հայ արիութիւնն էր, որ դող ու դեղնութիւն կը պատճառէր երկչոտ արքային, որը չպիտի յապաղէր հրամայելու, որ խաբէութեամբ մորթեն թակարդուած իր հակառակորդին։
 
'''* * *'''
 
Հապա Անի քաղաքի ամազոնուհի՞ն՝ հայրենանուէր ու արիասիրտ Այծեամն, որ կ՚առաքինանար բերդաքաղաքի պարիսպների վրայ. առնացի հայուհին, որը Անիի պաշարման ժամանակ, բերդի պարիսպի վրայ բարձրացած՝ քարեր գլորելով ի դերեւ կը հանէր թշնամու ներխուժման փորձերը, որն իր եւ հայ ռազմիկների կրծքերից դուրս կը քաշէր արաբացւոց նետերը եւ կը վերադարձնէր թշնամուն...
 
'''* * *'''
 
Երկարե՞լ։ Ի զո՜ւր։ Մե՜ծ է փաղանգը մերազնեայ արիների, քաջերի եւ հերոսների, որոնց փառքի չափ, աւա՜ղ, մեծ եղաւ եւ իրենց ապրած ողբերգութիւնը։ Մէկի քաջութիւնից օգտուեց օտարը միայն, միւսն իր արիւութիւնն սպառեց իւրայինների դէմ, երրորդը՝ կարելիութիւն չունեցաւ Հայաստանին ի սպաս դնելու իր բովանդակ ոյժերը։
 
Այս եւ այլ պատճառներով շատ քիչերի անուան եւ գործերի յիշատակն է պահել հայոց պատմութիւնը։ Հայը — որպէս զինուոր եւ զօրավար — ճակատագրական դեր է խաղացել պարսից, մարաց, յունաց, թաթարաց, արաբացւոց, բուլղարաց եւ այլ օտարազգի բանակների մէջ։
 
Եւ օտար պատմիչները՝ իրենց ցեղի փառքին նախանձախնդիր՝ հայ հերոսութեան մեծագործութիւնները վերագրել են իւրայիններին կամ էլ վատօրէն գրել «ի ջուր մոռացութեան»։
 
Հայկազն Վարդանը, Բիւզանդիոնի հայազի Չըմըշկիկ թագավորի զօրապետը, որի բազկի ոյժը՝ քանիցս զգացել են Թրակիան ասպատակող թուրքը, ռուսը, բուլղարը, յոյն պատմիչների կողմից պիտի վերանուանուէր Վարատաս։
 
Վեցերորդ դարում, Յուստինիանոսի օրով յօգուտ յոյների նշանաւոր քաջութիւններ է ցոյց տուել Ներսէս Հայկազունը։
 
Իններորդ դարու սկզբում յոյների համար գործում էր Մանուէլ Մամիկոնեանը։
 
«Ես չեմ կարող,— ասում է Գ. Շլումբերգերը,— լռութեամբ անցնել, որ Բիւզանդիոնի ամենամեծ զինուորական կայսրերից շատերը հայկական ծագում են ունեցել։ Բիւզանդական բանակի պատմութիւնը լի է հայազգի նշանաւոր զօրավարների անուններով։ Կրկնում եմ, որ ես ուզում էի միայն մի քանի խօսք ասել հայ ազգի պատերազմական հնաւանդ արժանիքի մասին, եւ որ ուրիշներին եմ թողնում ասել, թէ այնքան փայլուն յատկութիւններով օժտուած այս ժողովուրդն ինչե՜ր է արել ժամանակին՝ արուեստների եւ գրականութեան աշխարհում»։
 
Հայն իր արիութեամբ ճամբայ է բացել եւ դէպի բուլղար գահը։
 
«Ծագումով անոնք Դերջանցի հայեր էին, որոնք Վասիլ կայսեր վարձու բանակներուն կողմէ բերուած էին Մակեդոնիա, պուլկարներուն դէմ պատերազմեցնելու նպատակով։ Յարմար առիթին, անոնք խոյս տալով յոյն կայսրէն, անցան պուլկար թագաւորին կողմը, որ Իւսկիւպցի մըն էր ու իրենց քաջագործութիւններուն ու հերոսութիւններուն հետեւանքով կրցան շուտով բարձր աստիճաններու տիրանալ,— կ՚ըսէ Պրոֆեսոր Կացարով։
 
Սրանցից մէկը մի օր պիտ բազմէր բուլղար գահի վրայ, Ցար Սամուէլ անունով։
 
«Միհրդատի բանակներում հետեւակ նետաձիգները, որոնք գլխաւորապէս Փոքր Հայքից էին հաւաքւում, ծովի թէ ցամաքի վրայ աչքի ընկան իրենց ճարպիկութեամբ եւ քաջագործութեամբ։ Սուլլան այնքան գնահատեց սրանց արժանիքը, որ Դարտանի դաշնագրութեան մէջ (Քերոնիայի ճակատամարտից յետոյ, 85-ին) մի կէտ մտցրեց, որով Միհրդատի յանձնուած պատերազմական նաւերը, պէտք է իրենց նետաձիգներով միասին լինէին»։
 
Արաբ տարեգրերը կը խօսին Եարմուքի ճակատամարտում Յորդանանի ափերի վրայ, հայ աղեղնաւորների ցոյց տուած ճարպիկութեան ու արիութեան մասին, նրանց գործը անուանելով «գործ կուրութեան», քանզի հայերը կը սպանեն եօթը հարիւր արաբ կտրիճներ, բոլորին էլ աչքերէն զարնելով։
 
Թաթարաց պատմութեան մէջ կը կարդանք, թէ Հալաւուն խանը շատ կը սիրէր հայոց եւ վրաց զօրքերը իրենց նշանաւոր քաջութեան համար։
 
Այդ ցեղի զօրագլուխներէն Բաչուն, իր գրեթէ բոլոր յաղթութիւնները տարել է հայ եւ վրացի գնդերի շնորհիւ, որոնց կը գործածէր՝ որպէս առաջապահ։
 
Թաթարները յարձակւում են Իկոնիոյ վրայ։ Խիյաթէդին զօրաւոր Սուլթանը հարիւր հազար զօրքով դուրս է գալիս թշնամու դէմ։ Թաթարական բանակի մէջ է մեծն Վահրամայ որդին (Գագայ իշխանը), որը հայ եւ վրացի ազատագնդերով ջարդում է Սուլթանի բազմահազար բանակի աջ զօրաթեւը եւ վճռում ճակատամարտի բախտը։
 
«Մանաւանդ Ռուբինեանների օրով — կ՚ըսէ Շլումբերգեր — Խաչակիրների ժամանակ, Փոքր Հայաստանի թագաւորութիւնն վիթխարի նեցուկ է հանդիսացել Արեւելքի Ֆրանկ իշխանութիւններին, Անտիոքի իշխանին, Երուսաղէմի եւ Կիպրոսի թագաւորներին՝ Հալէպի, Դամասկոսի եւ Կահիրէի մահմեդական իշխանների դէմ նրանց մղած անվերջ կռիւներում։ Ուրիշներին թողնելով պատմել զրպարտուած հայ ազգի հոյակապ գործերի մասին քաղաքակրթութեան, արուեստների եւ գրականութեան զանազան ասպարէզներում, ես կ՚ուզէի մի քանի խօսք ասել, թէ ինչ էին հայերը զինուորական տեսակէտով միջին դարերում»։
 
«Potentissimus, ամենազօրաւոր»,- ահա՛ պատուանունը, որով լատին իշխանները իրենց աղաչաւորների բերնով կը դիմէին Թորոսին՝ Նուրէդդինի դէմ դուրս գալու համար։
 
«Քրիստոնեայ եկեղեցու եւ հանրապետութեան հանդէպ հայ ազգի ուրիշ արժանիքների մէջ կայ մէկը, որ վսեմ է եւ առանձնապէս յիշատակելի. դա այն է, որ, երբ ժամանակին քրիստոնեայ իշխաններն ու բանակները գնում էին ազատելու Սուրբ Երկիրը, ոչ մի ազգ եւ ոչ մի ժողովուրդ աւելի արագ եւ աւելի եռանդով, քան հայերը, չփութաց նրանց օգնել մարդկանցով, ձիերով, մթերքով, խորհուրդներով. այդ սրբազան պատերազմում նրանք քրիստոնեաներին օգնեցին իրենց բոլոր ոյժերով, ամենամեծ արիութեամբ ու հաւատարմութեամբ»։
 
Ահա՛ եւ ժան դը Մորգանի կարծիքը.—
 
«Կիլիկիայի հայերին մենք պարտական ենք մօտ վեց դարուց ի վեր, ուստի եւ այդ պարտքը աւելի նուիրական է... Երբեմնի հզօր այս ժողովուրդը հռովմայեցիների, բիւզանդացիների եւ պարսիկների հետ վարւում էր այնպէս, ինչպէս հաւասարը հաւասարի հետ»...
 
Ահա՛ հայը, այդպէս էր հին հայը, որի մասին սիրում եմ յաճախ գրեթէ արբեցուցիչ քաղցրութեամբ կրկնել Խորենացու ոսկեղինիկ խօսքերը.
 
«Ի մէջ պատերազմաց իբրեւ հուր ընդ եղէգն ընթանային տիրասէր ազգն Մամիկոնեանք»։
 
Բնազդական ռազմիկ էր հին հայը, եզակի զինուոր մինչեւ իր ծերութիւնը։
 
Իբրեւ շանթ, անսպասելիօրէն ընկնել թշնամու վրայ՝ այդ էր հին հայի ռազմավարական ձեւերէն ամենամշակուածն ու սիրելին։ Հաւասար ոյժերով եւ ոչ մի ժողովրդի է յաջողել արգիլել հայ արիութիւնը իր ճամբու վրայ, իր խոյանքների ժամանակ։
 
Նա գիտէր մեռնել՝ ահա՛ իր ոյժը։
 
Արագահաս էր ու մահացու իր հարուածը, շանթահար, արիւնընծայ եւ փառունակ իր մահը։
 
Գոռոզ էր, ինքնայարգ եւ պատկառազդու։
 
Փա՜ռք, փառք հայ դասական հերոսականին, որը վերապրեցնելով միայն' հայութիւնը պիտի կարողանայ անկա-խօրէն պահել իր տեղն արեւի տակ։
 
'''* * *'''
 
Չգիտե՞ս, հայ մարդ, չգիտե՞ս ցեղիդ պատմութիւնը — ասել է՝ չգիտես ժողովրդիդ ապրած ողբերգութեան պատճառները. ասել է՝ չգիտես, թէ ինչո՞ւմն է նրա ոյժն ու տկարութիւնը. ասել է՝ աղէտալիօրէն քեզ կը պակասի ցեղային ինքնաճանաչութիւնը — մէկը եւ ամենայուսալին այն փարատիչներէն, որոնցով պէտք է կռուել պարտուողականութեան ախտի դէմ, որն այսօր մեզ, որպէս ազգ, սպանելուց առաջ աշխատում է նախ ծիծաղելի դարձնել մեր ահաւոր ողբերգութեան մէջ։
 
Սիրի՛ր պատմութիւնը։
 
----
<references/>
23
edits