Changes

Երիցուկը և Արմատիկ֊Ծերուկը

Ավելացվել է 8757 բայտ, 20:11, 25 Հուլիսի 2017
/* Ի՞նչ է պատահել Երիցուկին */
Այս խոսքերի վրա Ֆրիդրիխը գլուխը տմբացրեց, Նախնախն էլ ի պատասխան տմբացրեց գլուխը։ Սակայն այս անգամ նրանք համաձայնության չէին եկել։
 
 
 
==Խոսակցություն Վոլֆի հետ==
 
Եվ Երիցուկը բոլորովին մենակ մնաց իր երկյուղի հետ։ Գիշերը, առանց աչք փակելու, մտածում էր ու մտածում և ոչ մի կերպ չէր կարողանում քնել։ Այ, եթե Գինայի հետ կռված չլիներ, գուցե մի խորհուրդ հարցներ նրանից։ Ճիշտ է, նրանք վաղուց արդեն հաշտվել էին, բայց նրանց բարեկամությունը մի տեսակ առաջվանը չէր։ Իհարկե, Երիցուկը երբեք չէր խախտի երդումը ու չէր մատնի տատիկին, թե իբր նա գուշակում է խաղաթղթերով, այլ հենց այնպես, ասես ի միջի այլոց կհարցներ․ «Ի՞նչ ես կարծում, Գինա, այն թղթերով, որոնցով խաղում ենք, կարելի՞ է մարդկանց ճակատագիրը գուշակել»։ Ասենք չէ, այդպես էլ չի կարողանա հարցնել։ Գինան իսկույն գլխի կընկնի։ «Իսկ ի՞նչ է, մի՞թե քո Նախնախը թղթերով գուշակություն է անում»։ Չէ՞ որ Գինան խորամանկ է։ Նա միայն ծիծաղում էր ծեր կանանց ու մեկ էլ փոքրիկների վրա, որոնք հավատում էին կախարդանքին, հեքիաթներին ու գուշակություններին։
 
Երիցուկը հառաչեց ու շրջվեց մյուս կողքին։ Եվ հանկարծ հիշեց Արմատիկ֊Ծերուկին, որը առողջներին պահպանում է, իսկ հիվանդներին բուժում։ Այն նույն Արմատիկ֊Ծերուկը, որը այն ժամանակ կփրկեր Երիցուկի մորը, եթե այստեղ լիներ։ Չէ՞ որ այդպես ասաց Նախնախը։ Ինչ լավ կլիներ, եթե Երիցուկը կարողանար մեկնումեկի հետ սիրտը բացել։
 
Բայց նա խոստացել էլ Նախնախին․․․ Սպասիր։ Իսկ Արմատիկ֊Ծերուկի մասին խոստացե՞լ է։ Երիցուկը նույնիսկ նստեց անկողնու մեջ։ Ոչ, ինքը Նախնախին խոստացել էր ոչ մեկին ոչինչ չասել միայն թղթերի մասին, իսկ Արմատիկ֊Ծերուկի մասին խոսք անգամ չէր եղել․․․
 
Այո, ինքը լավ է հիշում։ Կնշանակի, Արմատիկ֊Ծերուկի մասին կարելի է խոսել․․․ Բայց ո՞ւմ հետ։ Գինայի հետ՝ երբեք, իսկ Լիլո մայրիկի հետ՝ առավել ևս։
 
Եվ այստեղ Երիցուկը հիշեց Վոլֆին։ Չէ՞ որ Վոլֆը իր ամենալավ ընկերն է։ Հենց նրա հետ էլ ամեն ինչ կքննարկի․․․ «Ոնց էի մոռացել նրան», ― զարմացավ Երիցուկը։
 
Նա գլուխը դրեց բարձին ու վերջապես քնեց։
 
 
Նախնախի պարտեզում հասել էր հաղարջը։ Երիցուկն ու Վոլֆը բերքն էին հավաքում։ Թփի մոտ պպզած, նրանք պոկում էին քնքուշ կարմիր ողկույզներն ու դնում էմալապատ փոքրիկ դույլի մեջ։ Այ հենց այդտեղ էլ Երիցուկը Արմատիկ֊Ծերուկի մասին խոսք բացեց։ Շատ ու շատ տարիներ առաջ, Արմատիկ֊Ծերուկին մաքրել են արմատներից, այն ժամանակվա մոդայով ժիլետ ու տաբատ են հագցրել, և այդ օրվանից նա ապրում է Թյուրինգիայում, սարի գագաթի հինավուրց տնակում։ Հիմա էլ դեռ այնտեղ է ապրում, Նախնախի հորեղբոր տղայի՝ ծերուկ Ալոիզ Պոսոշոկի մոտ։ Այդպես է ասում Նախնախը։ Երիցուկը պատմեց այն ամենը, ինչ գիտեր Արմատիկ֊Ծերուկի մասին, իսկ հետո հարցրեց․
 
― Ի՞նչ ես կարծում, նա իրո՞ք առողջներին պահպանում է, իսկ հիվանդներին՝ բուժում։
 
Վոլֆը գլուխը տարուբերեց։
 
― Դա նույնպես հեքիաթ է, ինչպես թռչող գորգի մասին հեքիաթը։ Լավ են հնարել։ Բայց, այնուամենայնիվ, ճշմարիտ չէ։ Իհարկե, բույսեր կան, որ բուժում են։ Այ, քո Նախնախն էլ զանազան բույսերից թուրմ է պատրաստում։ Սակայն ինչ֊որ մի կախարդ Արմատիկ֊Ծերուկ, որ հենց ինքն է բուժում․․․ չէ, այդպիսի բան լինել չի կարող, հաստատ չի կարող։
 
― Ափսո՜ս, ― վշտացավ Երիցուկը։ ― Իսկ ինչքան լավ կլիներ։
 
― Իհարկե, լավ կլիներ, ― համաձայնեց Վոլֆը։ ― Հեքիաթներում ամեն ինչ լավ է։ Եվ գեղեցիկ։ Չէ՞ որ այն ժամանակ կարող էին ամբողջ դաշտում այդպիսի բույս ցանել։ Լեռնագագաթներին նույնպես դաշտեր կան։ Ինքդ ես ասում, որ նրանց մոտ, լեռներում փաղանգամուշկի դաշտեր կան։ Իսկ հետո՝ յուրաքանչյուր ընտանիք իր Արմատիկ֊Ծերուկն ունի, և ամեն ինչ կարգին է։ Ոչ բժիշկներ են պետք, ոչ դեղատներ, ոչ էլ հիվանդանոցներ։ Բոլորը առողջ են։
 
― Ես էլ այն ժամանակ չէի վախենա, ― հոգոց հանելով ասաց Երիցուկը։
 
― Իսկ ինչի՞ց ես վախենում, Երիցուկ։
 
― Ես քեզ կպատմեմ։ Միայն թե նախ երդվիր, որ աշխարհում ոչ մեկին ոչինչ չես ասի․․․
 
― Ինձ վրա կարող ես հույս դնել, Երիցուկ, առանց որևէ երդումի։ Բայց եթե ուզում ես, խնդրեմ, երդվում եմ։
 
― Ես վախենում եմ Լիլո մայրիկի համար։ Բա որ հանկարծ նա մեռնի՞, երբ փոքրիկը ծնվի։
 
Զարմանքից Վոլֆը նույնիսկ ընդհատեց հաղարջ պոկելը։ Երիցուկը՝ նույնպես։
 
― Ինչպե՞ս է մտքովդ այդպիսի բան անցել, ― հարցրեց նա։ ― Եվ ինչո՞ւ ես այդպիսի բան հնարել, Երիցուկ։
 
Երիցուկը մեղավոր տեսք ընդունեց։
 
― Գուցե նրա համար, որ․․․ ինձ էլ, քեզ էլ նույն բանն է պատահել։ Նախնախն ասում է, որ իմ մայրիկը գեղեցիկ էր, բարի ու իսկի էլ չէր մեռնի, եթե Արմատիկ֊Ծերուկը մեզ մոտ լիներ։ Նախնախը այդ արմատը կդներ մայրիկի անկողնում․․․
 
Եվ այդտեղ Երիցուկը վախեցավ, որ ասաց շատ ավելին, քան պետք էր։ Սակայն Վոլֆը տարուբերեց գլուխը։
 
― Ախր դա հեքիաթ է, Երիցուկ, ― ասաց նա։ ― Եթե որևէ մեկը հիվանդանա, Արմատիկ֊Ծերուկը չի կարող օգնել։ Ինքդ էլ ես հասկանում։ Կամ, գուցե, չե՞ս հասկանում։
 
Երիցուկն ամոթահար կանգնել մնացել էր տեղը։ Նա մի քիչ մտածեց, հետո ասաց․
 
― Բայց չէ՞ որ վնասել էլ չէր կարող, ճի՞շտ է։
 
― Այո, վնասել չէր կարող, եթե չհաշվենք, որ նա հին ու կեղտոտ լիներ ու վրան էլ՝ շատ մանրէներ։ Այդ դեպքում, իհարկե, չէր կարելի անկողնու մեջ դնել․․․
 
― Իսկ եթե մաքուր թաշկինակի մեջ փաթաթե՞ն։
 
― Հըմ․․․ Թերևս կարելի է։ Միայն թե ինչու անտեղի գլուխ կոտրենք։ Ձեր Արմատիկ֊Ծերուկը շատ հեռու է՝ Թյուրինգիայում, Ալոիզ Պոսոշոկի մոտ։ Եվ ընդհանրապես այդ ամենը հիմարություն է։ Համաձայն չե՞ս, Երիցուկ։
 
― Համաձայն եմ, ― ասաց Երիցուկը։
 
Սակայն նրա ձայնը այնքան էլ հաստատուն չէր։