Changes

Ռոբինզոնը ջունգլիներում

Ավելացվել է 58 039 բայտ, 20:29, 14 Օգոստոսի 2017
/* IV */
Վերջ ի վերջո, նույնիսկ յոթ տարեկան տղաները ուսերին գլուխ ունեն ոչ միայն նրա համար, որ մազերը խուզեն, այլ նաև նրա համար, որ մտածեն։
 
 
==V==
 
Ռոբերտը այնպես լարված էր մտածում, որ ականջներն այրվում էին։ Քայը՝ նույնպես։ Նույնիսկ Բոսսոն էր ճակատը կնճռոտել։ Ի՞նչ անել, ինչպես օգնել այծամին։
 
Ինչ խոսք, տղաներն անմիջապես փայտե թակարդից այծամին ազատեցին։ Չնայած նրա ոտքը կոտրված էր, բայց կաղալով գնաց դեպի թավուտ։ Սակայն ցավը խլել էր նրա վերջին ուժերը։ Մի քանի երկչոտ, անշնորհք քայլ անելուց հետո այծամն ընկավ գետնին։ Երբ փորձեց կրկին վեր կենալ, Ռոբերտը վճռական ասաց․
 
― Սրան թողնել չի կարելի։ Ոտքը իրեն֊իրեն հո չի՞ լավանա։ Խեղճ կենդանին կսատկի։ Կամ էլ աղվեսը կուտի նրան։
 
― Անպայման կուտի, ― հաստատեց Քայը։
 
«Աղվես» բառը լսելուն պես Բոսսոն գռմռաց։ Մի անգամ օրվա համարյա կեսը կորցրել էր աղվեսի ետևից վազվզելով։ Իսկ այդ լկտին նույնիսկ բաց չէր թողել սագին։ Այդ օրվանից Բոսսոյի մազերը բիզ֊բիզ էին լինում, երբ լսում էր աղվեսի անունը։
 
― Մենք տանել չենք կարող, ոտքը կցավի, ― այծամին նայելով՝ ասաց Ռոբերտը։ ― Իսկ եթե մեկնումեկս վազենք լողա՞փ։ Չէ՞ որ այնտեղ մի որևէ բժիշկ կլինի։
 
― Պարզ է, ― ուրախացավ Քայը։ ― Ես թռա․․․
 
― Սպասիր։ Ախր բժիշկը միայն մարդու ոտքից է հասկանում։
 
Բոսսոն իհարկե, տղաների խոսակցությունից ոչինչ չէր հասկանում։ Բայց երևում էր, որ նա էլ է վատ զգում։
 
Եվ հանկարծ Ռոբերտը գլխի ընկավ։ Նա փութով սկսեց տաբատի գրպաններից հանել այն ամենը, ինչ կար այնտեղ, է՛լ բնակարանի բանալի, է՛լ պտուտակներ, է՛լ վառիչներ, է՛լ թելի կծիկներ ու զարթուցիչի զանազան մասեր․․․ Ըհը՛, լավ էլ գտնվեց՝ մի կրծած մատիտի կտոր։
 
― Մոտդ թուղթ կա՞, ― հարցրեց Քային։
 
Քայի գրպաններում էլ ինչ ասես որ չգտնվեց․ մի բութ դանակ, տիեզերանավերի պատկերով յոթ կրծքանշան, դրանք դպրոցական պարգևներ էին հաջողությունների համար, ըստ որում՝ վեցը ֆիզկուլտուրայից գերազանց գնահատական ունենալու համար, մեկը՝ մաթեմատիկայից։ Կային նաև չորս խեցի, մագնիս, ինչ֊որ մարզիկի ծալմլված լուսանկար․․․ Բայց թղթի ոչ մի կտոր։
 
― Ինձ տուր այդ լուսանկարը, ― ասաց Ռոբերտն ու, ավազին նստելով, լուսանկարի հակառակ կողմում գրեց․
 
«Պարոն բժիշկ, այստեղ կոտրված ոտքով մի այծյամ է պառկած։ Իմ Բոսսոն գիտե տեղը։ Ձեզ հետ գիպս էլ վերցրեք»։
 
Քայը սկզբում չհասկացավ, թե Ռոբերտի ինչին էր պետք լուսանկարը, ու ետ պահանջեց։
 
― Հետո կստանաս, ― հանգստացրեց նրան Ռոբերտն ու լուսանկարը թելով կապեց Բոսսոյի վզին։ ― Մի՛ վախեցիր, անասնաբույժը չի սեփականացնի։
 
«Անասնաբույժ բառը լսելուն պես Բոսսոն սրեց ականջները, հատկապես ձախը, և պոչը թափահարեց։ Դեռ մի շաբաթ էլ չէր անցել, ինչ նրան անասնաբույժի մոտ էին տարել ձախ ականջը բուժելու։ Ամբողջ ընտանիքը այդ ժամանակ ծիծաղից թուլանում էր, երբ նայում էր Բոսսոյին։ Նրան շատ էր դուր եկել տրամվայով զբոսնելը։ Երեք կիլոմետրը հո ոտքով չէ՞ր գնալու․ նա մինչև քաղաքապետարան տրամվայով էր գնում, իսկ այնտեղից՝ ձեռքդ մեկնեիր, կհասներ։
 
Այն, որ հարկավոր էր գնալ բժշկի մոտ, Ռոբերտն այդ պահին մտքովն էլ չանցկացրեց։ Նա բռնեց Բոսսոյի գլուխն ու ասաց․
 
― Վազիր անասնաբույժի մոտ, Բոսսո։ Անասնաբույժի մոտ, հասկացա՞ր։ Անասնաբույժի։
 
Բոսսոն ուրախ կլանչեց։ Ռոբերտը բռնեց նրա վզից ու հետը մի քանի քայլ վազեց։ Սակայն կանգ առնելուն պես, շունն էլ տեղում մեխվեց։ Նա, երևի որոշել էր, թե տերն էլ է իր հետ գնալու։ Երևում է, Քայն էլ էր այդպես մտածում։
 
― Ես մենակ չեմ մնա, ― հայտարարեց նա։
 
Նրա խոսքերը չզարմացրին Ռոբերտին․ նա ճանաչում էր իր ընկերոջը։ Բացի այդ, Բոսսոն մենակ էլ կգտնի ճանապարհը։ Մի՞թե նա աշխարհի ամենախելացի շունը չէ։
 
― Բոսսո, վազի՛ր անասնաբույժի մոտ, ― ասաց Ռոբերտը։ ― Եվ շտապիր։ Դե շո՛ւտ։
 
Վերջապես Բոսսոն գլխի ընկավ, թե իրենից ինչ են ուզում, և սլացավ ուղիղ տրամվայի գծերի կողմը։
 
Թեթևացած շունչ քաշելով՝ Ռոբերտը չոքեց վիրավոր այծյամի առաջ։ Քայը նույնպես նստեց մոտակա կոճղին։ Նրա տրամադրությունը շատ վատ էր։ Իսկ ինչո՞ւ, հարց է ծագում։ Հավանաբար այն պատճառով, որ երկնքի քիչ առաջվա լազուրը ամբողջապես ծածկվել էր գորշ ամպերով։ Անտառը մթնեց ու այլևս հաճելի չէր։ Հանկարծ լռեցին թռչունները, ու նույնիսկ գորտերը դադարեցին իրենց կռկռոցը։ Միշտ այդպես է լինում ամպրոպից առաջ։ Ահա մթին ամպերի արանքից հայտնվեց առաջին թույլ բռնկումը, իսկ նրա ետևից, որոշ ժամանակ անց, լսվեց հեռավոր որոտի ձայնը։
 
― Քա՜յ, մի վախեցիր, ― ասաց Ռոբերտը։ ― Սա ընդամենը փայլակ է։
 
― Ես բոլորովին էլ չեմ վախենում, ― վիրավորվեց Քայը։
 
Այս խոսքերը նա արտասանեց անթերի գերմաներենով, առանց առոգանության, սակայն դա դեռ չէր նշանակում, թե ճիշտ է խոսում։
 
Ի միջի այլոց, Ռոբերտը նույնպես հնարեց փայլակի մասին․ հաջորդ կայծակն արդեն իսկական էր, իսկ որոտի մասին խոսք լինել չէր կարող․ այն այնպիսի ճայթյունով թավալվեց սև երկնքում, որ Քայը գլուխը քաշեց ուսերի մեջ։
 
Այծյամը նույնպես վախեցած էր։ Ռոբերտը հանգստացրեց նրան, շոյեց և կարծես ինքն իրեն ասաց․
 
― Եթե նույնիսկ ամպրոպ էլ լինի, կանցնի։ Սարսափելի ոչինչ չկա։
 
==VI==
 
Ի տարբերություն փոքրիկ մարդու, մեծ շունը չէր ամաչում ամպրոպից ունեցած իր երկյուղից։ Ամպրոպի հենց առաջին ճայթյունից նա վախվորած պոչն իրեն քաշեց ու արագացրեց վազքը։ Նրա համար ամենաերանելի վիճակը տուն վազելն էր ու սեղանի տակ մտնելն էր։ Ամպրոպի ժամանակ դա թույլատրվում էր։ Սակայն հիմա նրան հրամայված էր գտնել անասնաբույժին։
 
Բարեբախտաբար, Բոսսոն արդեն հասել էր այն արահետին, որ տանում էր դեպի տրամվայի կանգառ։ Մարդկանց հոծ խմբերը շտապում էին այնտեղ, մոտալուտ ամպրոպից պաշտպանվելու համար։
 
Նրանք վազում էին իրարից առաջ ընկնելով և այնքան ուրախ էին թվում, ասես եղանակի հանկարծակի փոփոխությունը հրաշալի այս օրվա վերջին կատակն էր։ Իսկ երբ ընկան անձրևի առաջին կաթիլները, հաճույքից մարդիկ սկսեցին նույնիսկ ծիծաղել։ Բոսսոյի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Կորչելով աշխուժացած, քրքջացող ամբոխի մեջ՝ շունը մոռացավ իր երկյուղի մասին։ Ահա և տրամվայը։ Ինչ֊որ տղայի ետևից Բոսսոն մագլցեց աստիճաններով ու տեղավորվեց մի հարմար անկյունում։ Ամեն ինչ կարգին է։
 
Տրամվայը լեփ֊լեցուն էր։ Վերջում մի կերպ խցկվեցին երկու պառավ ու ծուռթաթ պստլիկ մի տաքսա։ Պառավները դժգոհ փնչացրին, տաքսան գռմռաց։ Բայց նրանք դեռ պետք է տեղավորվեին, տոմսավաճառը նույնպես։ Զանգը հնչեց, ու տրամվայը ճամփա ընկավ։
 
Առաջին կանգառը։ Երկրորդը։ Երրորդը։ Ապակիների վրա թմբկահարում էր անձրևը։ Երկու ջահել իրենց տեղը զիջեցին տատիկին։ Չդադարեցնելով գռմռոցը՝ նրանցից մեկի գոգին նստեց տաքսան։ Եվ ինչո՞ւ է գռմռում այդ գարշելի արարածը։ Բոսսոն ակամա տմբտմբացրեց գլուխը։ Տաքսան դա ընդունեց որպես անձնական վիրավորանք։ Նա ցած թռավ պառավի գոգից և, ծուռ թաթերի վրա շորորալով, ուղղվեց դեպի Բոսսոյի անկյունը։ «Հիմա վնգստոցը կդնի», ― մտածեց նյուֆաունդլենդը։
 
― Խնդրում եմ՝ ձեր տոմսերը, ― ասաց հսկիչը՝ դժվարությամբ մոտենալով պառավներին։
 
― Ահա, ― պատասխանեց նրանցից մեկը։ ― Երկու հոգու ռ շան համար․․․
 
Այստեղ նա նկատեց, որ տաքսան գնում է Բոսսոյի մոտ։ Նրա հայացքը որսալով՝ հսկիչը հարցրեց․
 
― Դրանցից որն է ձերը՝ մե՞ծը, թե փոքրը։
 
― Փոքրը, ― ասաց պառավն ու սարսափահար ճչաց․ Պուսսի, ինձ մոտ։ Ուզում ես, որ քեզ կծի՞ այդ շունը։
 
Ա՛յ քեզ հիմարությո՜ւն։ Մի՞թե Բոսսոն գլուխ կդնի ինչ֊որ տաքսայի հետ, թեկուզ և նա ինքը կռիվ սկսի։
 
― Իսկ մեծն ո՞ւմն է, ― հետաքրքրվեց հսկիչը։ (Է՛հ, Բո՜սսո, Բո՜սսո, վատ են գործերդ, չնայած քեզ հետ նույն տրամվայում է Շտիֆ ազգանունով ծանոթ թիթեղագործը)։ Հսկիչի հարցը լսելով՝ Շտիֆը նայեց Բոսսոյին ու զարմացած բացականչեց․
 
Ա՛, սա Տիպոլդների շունն է։ Նրանց տունը վերջին կանգառում է։ Իսկ շունը շատ է սիրում տրամվայով զբոսնել։
 
― Կյանքում նման բան լսած չկամ, ― լուրջ ասաց հսկիչը։
 
Մինչ այդ, տրամվայը կանգ առավ։ Բոսսոն թափահարեց պոչն ու աղերսանքով լի աչքերը հառեց հսկիչին։ Տաքսան կրկին աղմուկ բարձրացրեց։ Այդ ժամանակ հսկիչը զգույշ բռնեց Բոսսոյի վզակոթից ու տարավ դեպի դուռը․
 
― Դե՛, այ շուն, դուրս թռիր ու վազիր տուն։ Շուտով ամպրոպ կլինի։
 
Այնպես է ասում, կարծես Բոսսոն ինքը չգիտի։ Իզուր տեղն էր ինչ֊որ երիտասարդ ուզում Բոսսոյի համար տոմս առնել։ Ամեն ինչ որոշեցին թիթեղագործ Շտիֆի խոսքերը՝ իբր, հավանաբար, վաղուց Ռոբերտն ու ֆրաու Տիպոլդը որոնում են Բոսսոյին։
 
― Դուրս արի, խելո՜քս, ― Բոսսոյին դեպի դուռը հրելով կրկնեց հսկիչը։
 
Ոչ հսկիչը, ոչ թիթեղագործը, ոչ էլ ուղևորներից որևէ մեկը չնկատեցին, թե ինչպես արձակվեց Բոսսոյի վզի թելը։ Լուսանկարը, որի վրա բժշկին ուղղված խնդիրք կար, վագոնից դուրս ճախրեց ու անհետացավ։ Դա Բոսսոյին բոլորովին չանհանգստացրեց։ Նա միայն մտահոգված էր, որ տրամվայը տեղից շարժվի։ Չէ՞ որ մինչև քաղաքապետարան, որտեղ ապրում էր բժիշկը, դեռ յոթ կանգառ կար։ Իսկ Բոսսոն այսօր, հակառակի պես, այնքան էր վազվզել, որ թաթերը ցավում էին։ Բացի դրանից, անձրևը գնալով վարարում էր, ամպրոպն էլ ճայթում էր առաջվանից ուժեղ։ Շուրջն էլ՝ ոչ մի շունչ֊արարած։ Անտառի վրա կախվել են ծանր ու մռայլ ամպերը։ Գուցե իսկապե՞ս խելամիտ կլինի տուն գնալ։
 
Սակայն «Անասնաբույժի մոտ» հրամանը շատ ավելի ուժեղ էր «Այ շուն տուն գնա» խորհրդից։
 
Եվ Բոսսոն, մորթուց թափ տալով անձրևի կաթիլները, սնգսնգալով սկսեց վազել հեռացող տրամվայի ետևից։
 
==VII==
 
Նկուղը, ուր ֆրաու Տիպոլդը ապակե բանկաներն էր դասավորում, հաստ պատերով էր ու առանց պատուհանի։ Դրա համար էլ Ռոբերտի մայրը չէր տեսել առաջին կայծակի փայլատակումները, որոնք խզբզում էին մթամած երկինքը, և չէր լսել ամպրոպի հեռավոր ճայթյունները։ Իսկ երբ դրանք շատ մոտիկից լսվեցին, ֆրաու Տիպոլդը աստիճաններով վեր բարձրացավ։ Սկզբում նա զարմացավ, իսկ հետո վախեցավ․ խոհանոցում այնպիսի խավար էր, ասես արևը վաղուց մայր էր մտել։ Ըստ սովորության սեղանի տակ նայելով ու այնտեղ Բոսսոյին չտեսնելով՝ ֆրաու Տիպոլդը ավելի շատ անհանգստացավ։ Նշանակում է՝ Ռոբերտը նույնպես տանը չէ։
 
«Հավանաբար, Քայի մոտ է մնացել, ― մտածեց նա։ ― Քանի անգամ եմ ասել՝ հենց տեսնում ես ամպրոպ է լինելու, տուն արի»։
 
Ֆրաու Տիպոլդը գոգնոցը հանեց ու վրան գցեց անձրևանոցը։ Նա գրեթե չէր կասկածում, որ Ռոբերտն ու Բոսսոն արդեն Քայի մոտ են․ լողափից մինչև նրանց փողոցը կարելի է տասը րոպեում վազելով հասնել։ Բայց այդ ո՞ր մայրը չէր անհանգստանա որդու համար, որը քնում է ու երազում արկածներ տեսնում և դեռ չգիտի, որ այդ արկածները հաճախ վատ են վերջանում։
 
Երն նա դուրս եկավ տնից, անձրևն ասես դույլերով էին թափում։ Ամպրոպը անընդհատ ճայթում էր հենց գլխավերևում։ Երևի ամպրոպի շերտը ուղիղ իրենց գյուղի վրայով էր անցնում։ Էլ ով պիտի ավելի լավ իմանա դա, եթե ոչ օդաչուի կինը։
 
Մի որոշ ժամանակ ամուսնու համար ունեցած տագնապը մոռանալ տվեց որդուն։ Այդ րոպեներին «ԻԼ―18»֊ը, մոսկովյան օդանավակայանից դուրս գալով, պետք է թռչեր դեպի Բեռլին։ Եվ ֆրաու Տիպոլդի ամուսինը այդ ինքնաթիռի հրամանատարն է։ Ինչ խոսք, նա փորձառու օդաչու է, բայց նման եղանակին ինչ ասես կարող է պատահել։ Եթե նրանց թույլ չտան այստեղ վայրէջք կատարել, Տիպոլդը ստիպված կլինի թռչել Դրեզդեն կամ Լայպցիգ։ Այդ դեպքում ընթրիքին չարժե նրան սպասել, և ինքը ստիպված կլինի Ռոբերտի հետ մենակ խոսել։
 
Անցնելով մեծ ջրափոսը, ֆրաու Տիպոլդը հիշեց, թե ինչպես մի անգամ, հենց այսպիսի մի տեղատարափի ժամանակ, Ռոբերտը փակել էր ջրհոսքը։ Նրան, գիտես ի՞նչ, ծով էր պետք՝ նավակներ բաց թողնելու համար։ Բանն այնտեղ հասավ, որ ստիպված եղան շտապ հրշեջ խումբ կանչել և ջուրը պոմպերով դուրս քաշել։
 
Ֆրաու Տիպոլդը սեղմեց Կովալսկիների բնակարանի դռան զանգը։ Քայի մայրը, դուռը բանալուն պես, խիստ տոնով հարցրեց․
 
― Քանի՞ անգամ կարելի է կրկնել, որ․․․
 
Եվ խոսքը բերանին քարացավ՝ որդու փոխարեն հարևանուհուն տեսնելով։
 
― Ֆրաու Տիպո՞լդ։ Մի՞թե Քայը ձեզ մոտ չէ։
 
― Ոչ, ― իրեն կորցրեց ֆրաու Տիպոլդը։ ― Իսկ ես կարծում էի, իմ Ռոբերտն այստեղ է․․․
 
Այդ պահին կրկին փայլատակեց կայծակը՝ մի ակնթարթ լուսավորելով անտառի սև պատը։ Կանայք նայեցին այդ կողմն ու միաժամանակ մտածեցին, որ Ռոբերտն ու Քայը միայն այնտեղ կլինեն։ Բայց որտե՞ղ, հատկապես որտե՞ղ նրանց փնտրել։
 
==VIII==
 
Տղաները, իրոք որ, դեռ անտառում էին։ Քայը արդեն վաղուց մոտեցել էր ընկերոջն ու վիրավոր այծյամին։ Այծյամը երբեմն ցնցվում էր, Քայն էլ էր դողացնում, մանավանդ երբ բռնկվում էր հերթական կայծակը, ու երկինքը պատառոտվում էր որոտի նոր ճայթյունից։ Իսկ հիմա որոտում էր համարյա անընդմեջ։
 
― Անիծյալ անձրև․․․ ― մռթմռթաց Քայը։
 
Ռոբերտը շոյեց այծամին ու հաստատուն ձայնով ասաց․
 
― Պահ, էլ ո՞նց կլիներ, անձրև է, էլի։ Այստեղ ի՞նչ կա վախենալու։ Միևնույն է մոտակայքում մեծ ծառեր չկան։ Ճիշտ չէ՞, Քայ։
 
― Բա դու ինչո՞ւ ես դողացնում, ― մռթմռթաց Քայը։ ― Քո դողալը որ տեսնում եմ, ես էլ եմ վատ զգում։ Իսկական տղաները չ֊չեն դ֊դողում․․․
 
Այ այդ հարցում Քայը բոլորովին էլ իրավացի չէր։ Ախր մարդը իսկի էլ պարտավոր չէ իր քաջությունը ստուգել այսպիսի միջոցներով, կծկվել֊նստել տեղատարափ անձրևի տակ, մթին անտառում, երբ գլխավերևում մոլեգնում է ամպրոպը, իսկ քամին ջանում է արմատախիլ անել մատղաշ ծառերը։ Դե փորձիր չդողալ։
 
Ինչքան հյուրընկալ ու գեղեցիկ է այդ անտառը լավ եղանակին։ Երբ Ռոբերտն ու Քայը այստեղ խիզախ ճանապարհորդներ էին խաղում, ստիպված էին դիմել երևակայությանը, առանց որի չարագուշակ ջունգլիները սովորական արգելանոցների կփոխարկվեին, ուր արջերի ու վագրերի փոխարեն կթափառեին սովորական մարդիկ։ Իսկ հիմա անտառն իսկապես խորհրդավոր ու չարագուշակ էր, ասես գտնվում էր ինչ֊որ տեղ, աշխարհի ծայրին՝ Ավստրալիայում կամ Հարավային Ամերիկայում։ Եվ նրա խորքում, հենց թավուտում, ինչ֊որ բան անընդմեջ սարսափելի ճրթճրթում է։ Տեսնես հո աղվե՞սը չէ, որ գաղտագողի մոտենում է այծյամին։
 
Ռոբերտը վճռականորեն ոտքի ելավ։
 
― Այդ ո՞ւր, ― սարսափած հարցրեց Քայը։
 
― Մի փայտ գտնեմ, ― բացատրեց Ռոբերտը։ ― Համենայն դեպս, պետք կգա․․․
 
Ըհը, էս էլ քեզ հարմար մահակ։ Փայտը գտնելով՝ Ռոբերտը իրեն ավելի վստահ զգաց։ Հիմա արդեն աղվեսը չի համարձակվի մոտենալ, եթե նույնիսկ իրոք թափառում է մոտակայքում։ Քայը նույնպես ոտքի ելավ ու հանկարծ մռթմռթաց․
 
― Ես դասերս դեռ չեմ սովորել։ Իսկ արդեն մութ է․․․ Հասկանում ես, Ռոբերտ, ես պետք է․․․
 
― Ծլկե՞լ ես ուզում, ― զայրույթով հարցրեց Ռոբերտը։
 
Քայը օրորեց գլուխը․
 
― Ի՞նչ ծլկել, ուզում եմ, որ շուտ տուն վազենք։ Հայրիկը հավանաբար եկած կլինի։ Դե, կգանք, այծամին մեքենայով կտանենք, հա՞։
 
Մի րոպե Ռոբերտը մտքերի մեջ ընկավ։ Քայի խոսքերը խելքին մոտ էին։ Ասենք, մայրիկն էլ, անշուշտ, արդեն սկսել է անհանգստանալ։ Դեռ, մեկ էլ տեսար, մտածմունքից մազերը ճերմակեցին։ Սարսափելի է։ Ինչպես էր մոռացել մայրիկին։
 
― Դե, գնացինք, ― ասես գուշակելով Ռոբերտի մտքերը՝ ասաց Քայը։ Նա միշտ էլ գլխի էր ընկնում, երբ Ռոբերտն սկսում էր տատանվել։
 
Քայը շրջվեց ու գնաց դեպի տուն։
 
Ռոբերտը շատ էր ուզում նետվել ընկերոջ ետևից, սակայն տեղից չշարժվեց։
 
― Քա՛յ, մնա՛, ― կանչեց Ռոբերտը։
 
Սակայն Քայը չլսեց ընկերոջը․ նա բարձրաձայն երգում էր՝ աղավաղելով մեղեդին։
 
Երբ Քայը ծածկվեց մոշի թփերի ետևում, իսկ ձայնը խլացավ ամպրոպի հերթական ճարճատյունից, Ռոբերտը քիչ մնաց լաց լիներ։ Նա սարսափելի վախեցավ, ինչպես երբեք չէր վախեցել կյանքում։ Բայց անօգնական կենդանուն աղվեսի երախում թողնել անկարող էր։ Իսկ հանկարծ այնտեղ, մթին թավուտում, ոչ թե աղվես լիներ, այլ․․․ վիշա՞պ, որը միանգամից կուլ կտա այծյամին։ Դե ինչ, Ռոբերտը կպաշտպանի նրան նաև վիշապից։ Նա կդառնա խիզախ ասպետ, թույլերի պաշտպան։ Իսկ եթե դա եղած֊չեղած աղվես է, ավելի լավ։ Իրենց դասարանի տղաներից ո՞վ կարող է պարծենալ, թե ինքը մեն֊մենակ կռվել է աղվեսի հետ։ Բայց ահա կրկին փայլատակեց կայծակը, կրկին ճայթեց ամպրոպը, և Ռոբերտը դողաց ավելի սաստիկ, քան վիրավոր այծյամը։ Եվ միայն մի բանի մասին էր մտածում․ «Լավ կլիներ, եթե Բոսսոն ինձ հետ լիներ»։
 
==IX==
 
Նյու֊ֆաունդլենդը քերծե չէ, որի համար ոչինչ է մի քանի կիլոմետր վազելով գնալը։
 
Դեռ ռադիոգործարանի մոտ Բոսսոն փնչացրեց, ինչպես շոգի արձակող լոկոմոտիվը։
 
Թաց ասֆալտից արևի տակ գոլորշի էր բարձրանում։ Արևի տա՞կ։ Այո, որովհետև այստեղ ամպրոպն արդեն անցել էր։ Երկնքում փայլում էր արեգակը, և քամին քշել էր վերջին ամպերը։ Ռադիոգործարանից դուրս թափվեց մարդկանց հոսանքը։ Աշխատանքային շաբաթվա վերջին օրն էր։
 
Բոսսոն հոգնած սնգսնգոցով շարունակեց իր ճամփան։ Խոնավ բուրդը կպել էր մարմնին։ Դեռ երբեք առիթ չէր եղել այդքան երկար վազել։ Իսկ մինչև քաղաքապետարան, որի կողքին ապրում էր բժիշկը, դեռ շատ ճանապարհ կար։
 
Տրամվայի պարկից սկսվում էին արդեն Կյոպենիկի՝ Բեռլինի արվարձանի բազմահարկ շենքերը։ Այստեղ փողոցային երթևեկությունը չափազանց աշխույժ էր, ճարճատում էին մոտոցիկլետները, գվվում էին ավտոմեքենաները, սլանում էին հեծանվորդները, և մայթերին իրենց գործերին էին շտապում կամ պարզապես զբոսնում էին անցորդները։ Խանութներում աշխույժ առևտուր էր։ Երեխաները վազում էին հայրերին դիմավորելու և օգնում էին մայրիկներին՝ տանելու մթերքով լի պայուսակները։ Եվ ոչ մեկի պետքն էլ չէր Բոսսոն, որն այնպես էր հալից ընկել, որ նույնիսկ մոտակա նախաճաշարանից հասնող տապակած երշիկի բուրմունքը չկանգնեցրեց նրան։
 
Սակայն նպատակակետն արդեն մոտ էր։ Ահա և քաղաքապետարանը։
 
Թիթեղագործ Շտիֆը քառորդ ժամ շուտ էր տեղ հասել հենց այն տրամվայով, որտեղից քշեցին Բոսսոյին։ Շտիֆը քաղաք էր եկել արճիճ գնելու և արդեն գնել էր։ Նա արդեն ուզում էր ետ դառնալ ու տրամվայի էր սպասում, երբ կրկին տեսավ Բոսսոյին։ Շունը վազում էր հենց քաղաքապետարանի կողքով։
 
― Բոսսո, ― կանչեց զարմացած թիթեղագործը։ ― Չէ՞ որ քեզ տուն ուղարկեցինք։
 
Բոսսոն այնքան էր հոգնել, որ չէր կարող թիթեղագործից խուսափել։ Բացի այդ, նրա մտքով անգամ չէր անցնում, որ այդ մարդը ուզում էր իրեն հետը տանել։ Դրա համար էլ Բոսսոն միայն թեթևակի թափահարեց պոչը, երբ նրա ծոծրակին իջավ թիթեղագործի ձեռքը։ Շունը ուզում էր բացատրել, որ ինքը ժամանակ չունի, որ պիտի վազի բժշկի մոտ։ Բայց, ավա՜ղ, Շտիֆը չէր հասկանում շների լեզուն։ Ինքը տանը թութակ էր պահում, որը կարողանում էր խոսել մարդու նման։ Դրա համար էլ թիթեղագործը չհասկացավ շանը։ Բոսսոն վախեցած վնգստաց ու փորձեց պոկվել նրանից։ Սակայն բան դուրս չեկավ․ բոլոր թիթեղագործներն էլ ուժեղ ձեռքեր ունեն, բացի դրանից, Շտիֆը նաև լավ հարևան էր։ Եվ նա ուզում էր ինչ գնով էլ լինի Բոսսոյին տուն տանել։
 
Զընգացնելով կանգ առավ տրամվայը։
 
― Գնացինք, Բոսսո, ― ասաց Շտիֆը։
 
Մինչև բժշկի բնակարանը ընդամենը հարյուր մետր էր մնացել։ Բայց տրամվայի կանգառը ավելի մոտ էր։ Եվ թիթեղագործ Շտիֆը, ուժ գործադրելով, բայց աշխատելով ցավ չպատճառել շանը, նրան հրեց դեպի տրամվայի ոտնակը։
 
― Տո՛ւն գնա, Բոսսո, Ռոբերտի մո՛տ, ― համոզում էր թիթեղագործը շանը, որը չէր ուզում տրամվայ բարձրանալ։
 
Բայց ախր Բոսսոյին խիստ անհրաժեշտ էր բժշկի մոտ գնալ։ Ռոբերտը սարսափելի կզայրանա, երբ իմանա, որ իր հրամանը չի կատարված։
 
Եվ հուսահատությունից Բոսսոն բարձր հաչեց, ասես օգնության էր կանչում տիրոջը՝ «Հա՛ֆ֊հա՛ֆ։ Հա՛ֆ֊հա՛ֆ»։
 
==X==
 
Իր մահակը պինդ բռնած՝ Ռոբերտը պպզել էր այծամի կողքին ու սպասում էր։ Սպասում էր, թե երբ ամպրոպը կդադարի, երբ կգա Քայը իր հոր՝ տաքսու վարորդի հետ, երբ բժշկի մոտից կվերադառնա Բոսսոն։ Վերջապես սպասում էր մեծ կամ թեկուզ փոքր հրաշքի, որը պիտի դժբախտությունից ազատեր իրեն ու խնամարկյալին։ Սակայն ամպրոպը միտք էլ չուներ հանդարտվելու, և ոչ ոք էլ չէր գալիս, ու ոչ մի հրաշք էլ առայժմ չէր կատարվում։
 
Ռոբերտին թվաց, թե ինքը արդեն մի ամբողջ հավիտենություն սպասում է։ Մինչև այժմ նա գիտեր, որ ժամանակը կարող է թռչել շատ արագ։ Հատկապես երբ ինչ֊որ բանով տարված ես։ Իսկ հիմա հասկանում էր՝ երբեմն վայրկյաններն անգամ կարող են ձգվել հավերժության պես։ Եվ դա կատարվում է այն ժամանակ, երբ փորձանքի մեջ ես։
 
Բոլոր տեսակի մտահոգություններից բացի, Ռոբերտին նորից տանջում էր խիղճը։ Ախր ինքը կարող էր, չէ՞, Քային խնդրել, որ վազի իրենց տուն ու մայրիկին զգուշացնի, թե, իբր, այսպես ու այսպես, ձեր Ռոբերտը առայժմ ստիպված է անտառում մնալ։
 
«Իսկ պե՞տք էր, որ ես այստեղ մնայի, ― մտածեց տղան, ― թփերի տակ խաղաղ է։ Եվ այծամն էլ ոնց որ թե քնեց․․․»։
 
Երկու սևագորշ ագռավ թռան գլխավերևով և քիչ մնաց դիպչեին ծառերի կատարներին։ Նրանց խռպոտ կռավոցներից Ռոբերտը ցնցվեց։ Ագռավներն իջան բարձր սոճու կատարին, որ գտնվում էր եղեգնուտի մեջտեղում, և սկսեցին թափահարել թևերը։ «Կը՜ռռ֊կը՜ռռ», ― անդադար կռկռում էին նրանք, և այդ ձայնը Ռոբերտին այսօր ինչ֊որ չարագուշակ էր թվում։ Նա սկսեց տենդագին մտածել՝ գիշատի՞չ են այս թռչունները, թե ոչ։ Հիշում էր, որ ուսուցչուհին պատմել էր ագռավների մասին։ Բայց, ասես դիտմամբ, այդ դասի ժամանակ ինքն ու Քայը, փրփուրը բերաններին, վիճում էին, թե Երկրի վրա գիգանտոզավրերի ժամանակներում մարդիկ գոյություն ունեցե՞լ են, թե ոչ։ Ռոբերտն ասում էր՝ այո։ Իսկ Քայը հակառակն էր պնդում։ Դասամիջոցին այդ մասին հարցրին ուսուցչուհուն և իմացան, որ ճիշտ էր Քայը։ Է՛հ, գոնե այն ժամանակ հարցնեին՝ գիշատի՞չ են ագռավները, թե ոչ։ Կամ էլ պարզապես ուշադիր լսեին դասը․․․
 
Այդ պահին ագռավների կռկռոցը մարեց ինչ֊որ խուլ բվվոցից։
 
«Ինքնաթիռ է, ― գլխի ընկավ Ռոբերտը։ ― Եվ, հավանաբար, Մոսկվայից։ Ղեկին էլ հայրիկն է»։
 
Եվ չնայած Ռոբերտը չտեսավ ինքնաթիռը, այնուամենայնիվ, նրա բոլոր սարսափները ցրվեցին։ Մի՞թե հայրիկի համար հեշտ է վարել այդ մեքենան ամպրոպի ճայթյունների միջով և դեռ վայրէջք կատարել այսպիսի վատ եղանակին։ Դժվար է։ Այն էլ ինչպես։ Չէ որ նրան մարդկային կյանքեր են վստահված, իսկ Ռոբերտը պատասխանատու է ընդամենը մի վիրավոր կենդանու համար։
 
«Կը՜ռ֊կը՜ռ»։
 
«Կռռա, ագռավ, ինչքան կուզես։ Միևնույն է, թույլ չեմ տա այծամին վիրավորես»։
 
Մոտորների հռնդյունը ասես ջլատեց ամպրոպի ուժերը։ Երկինքը դեռ որոտում էր, բայց առաջվանից շատ թույլ։ Քամին պատառոտեց մութ ամպերը, և երկնքում հայտնվեցին լույսի շերտեր, որոնք րոպե առ րոպե մեծանում էին։ Անձրևը կտրվեց այնպես անսպասելի, ինչպես սկսվել էր։ Մատղաշ ծառերն ասես թեթևացած շունչ քաշեցին՝ իրենց վրայից թոթափելով ջրի կաթիլները։ Իրականում դա նրանց փոխարեն քամին էր անում։ Բայց նա էլ շուտով հրաժեշտ տվեց անտառին՝ աշխատելով ետ չմնալ հեռացող ամպրոպից։ Արևի թեք ճառագայթները փայլփլում էին տերևներից կախված կաթիլների մեջ։ Այծյամը բացեց աչքերն ու գլուխը բարձրացրեց։ Ռոբերտը ավելի ամուր սեղմեց իր զենքը։ Սակայն հիմա բոլորովին էլ չէր վախենում, իսկ եթե մի քիչ դողում էր, ապա, անպայման ցրտից էր։ Չէ որ նրա վրա չէր մնացել մի թել անգամ, որ չոր լիներ։ Բայց դա դժբախտություն չէր․ հիմա արդեն ամեն ինչ լավ կլինի։
 
==XI==
 
Ոչ լվացված կապույտ երկինքը, ոչ ծագող արևը չէին ուրախացնում ֆրաու Տիպոլդին ու ֆրաու Կովալսկուն։ Նրանք արդեն եղել էին Ռոբերտի ու Քայի բոլոր ընկերների տներում, որոնք մոտակայքում էին ապրում, սակայն իրենց որդիներին չէին գտել։ Դեռ ամպրոպի ժամանակ նրանք վազեցին լողափ, սակայն այնտեղ ոչ մի շունչ֊արարած չկար։ Ետ դառնալիս ֆրաու Տիպոլդն ու ֆրաու Կովալսկին անվերջ կանչում էին՝ «Ռոբե՜րտ, Քա՜յ, Բոսսո՜»։ Սակայն ամպրոպի դղրդոցը թույլ չտվեց տղաներին լսել նրանց ձայնը։
 
Եվ երբ ամպրոպը հանդարտվեց, մայրիկները ավելի անհանգստացան։ Մինչև հիմա հույս ունեին, թե Ռոբերտն ու Քայը անձրևից են պատսպարվել ինչ֊որ տեղ։ Բայց ահա անձրևն էլ կտրվեց, իսկ տղաները չկան ու չկան։ Նավաշինարանից վաղուց արդեն լսվել էր շչակի ձայնը։ Ռոբերտի համար դա միշտ ազդանշան էր, որ տուն գնալու ժամն է։
 
― Իսկ Քայը դեռ դասերն էլ չի սովորել, ― ասաց ֆրաու Կովալսկին։
 
Այդ պահին անկյունից զգույշ դուրս ելավ տաքսին։ Վարորդ Կովալսկին միշտ էլ զգույշ էր քշում խաղաղ փողոցներում, ուր ապրում էին բնավ էլ ոչ խաղաղ երեխաները։ Բացի այդ, անձրևից հետո ասֆալտը թաց էր ու սայթաքուն։
 
Կովալսկին շատ զարմացավ, որ Քայը չդիմավորեց իրեն։ Սովորաբար ճանապարհի մնացած մասը, մինչև ավտոտնակ, նրանք միասին էին գնում։ Իսկ այսօր Քայի ու Ռոբերտի փոխարեն անկյունում կանգնած էին կինն ու ֆրաու Տիպոլդը։
 
Կովալսկին արգելայեց։
 
― Ինչ որ բա՞ն է պատահել, ― մինչ կանայք կհասցնեին խոսել, հարցրեց նա։ Տաքսու վարորդը խորաթափանց մարդ չէր, բայց ֆրաու Տիպոլդը և ֆրաու Կովալսկին այնպես էին իրենց կորցրել, որ նրանց շուրջը արդեն հավաքվել էին հարևանները։
 
― Տղաներն ու շունը, ― դողացող ձայնով ասաց Ռոբերտի մայրը, ― նրանք․․․ նրանք լճից չեն վերադարձել։
 
Ֆրաու Կովալսկին լաց եղավ։
 
― Առանց խուճապի, ընկերներ, ― հանգիստ ասաց վարորդը։ ― Կգտնենք, առաջին անգամ հո չէ՞․․․
 
Հարևաններն անմիջապես ցանկություն հայտնեցին օգնել նրանց ու որոնել տղաներին։ Նրանցից մեկը շտապեց թաղային Կոպֆլեի մոտ, որը այդպիսի գործերում արդեն փորձ ուներ։ Հենց անցյալ շաբաթ Կոպֆլեն բռնեց թութակին, որը թռել֊փախել էր իր տիրոջից՝ թիթեղագործ Շտիֆից։ Ոչ ոք չէր կարող ասել, թե թաղայինին ինչպես հաջողվեց գտնել պստլիկ կանաչ թութակին հսկայական կանաչ անտառում։ Ճիշտ է, չար լեզուներն ասում էին, թե կրտսեր֊լեյտենանտը պարզապես կենդանաբանական խանութից ուրիշ թութակ է գնել։ Սակայն վարպետ Շտիֆը երդվում էր, որ ինքը միշտ էլ կճանաչեր իր Հանսիին։ Իսկ դա, ինչ խոսք, ամենամեծ փաստարկն էր։
 
Լսելով կատարվածի մասին՝ թաղային Կոպֆլեն մի րոպե մտքերի մեջ ընկավ։ Հետո ասաց․
 
― Հը՜մ, ա՛յ քեզ տղաներ։ Գուցե պարզապես խաղով են ընկել ու մոռացել, որ պետք է տուն գնան։ Բայց, համենայն դեպս, միջոցներ կձեռնարկենք։
 
Եվ մինչ Կովալսկիները խորհրդակցում էին ֆրաու Տիպոլդի ու հարևանների հետ, թե որտեղ որոնեն երեխաներին, կրտսեր Լեյտենանտը զանգահարեց ժողովրդական ոստիկանություն։
 
― Կորել են երկու տղա, ― զեկուցեց նա, ― այո, երկու տղա և մի շուն․․․
 
==XII==
 
― Բո՛սսո, ― կանչեց թիթեղագործ Շտիֆը։ ― Այդ ո՞ւր։
 
Բայց արդեն ուշ էր։ Մի ոստյունով Բոսսոն տրամվայից թռավ ուղիղ սալահատակի վրա։ Վարպետ Շտիֆը ձեռքը գրպանն էր տարել տոմսի արժեքը վճարելու և մի ակնթարթ բաց էր թողել շանը։ Դրանից էլ հենց օգտվել էր Բոսսոն։ Մոտոցիկլետներից ու ավտոմեքենաներից խույս տալով՝ նա թաքնվեց քաղաքապետարանի մոտի նեղ նրբանցքում։ Շտիֆը տարակուսանքով տարուբերեց գլուխն ու փնթփնթաց․
 
― Տարօրինակ է, նա միշտ լսող է եղել, և հանկարծ․․․ Իսկ գուցե նա իսկի էլ Բոսսոն չէ՞։ Ուղղակի նրան նման մի նյուֆաուդլե՞նդ է։ Չէ որ, օրինակի համար, ես մինչև հիմա համոզված չեմ, թե իմ տան թութակն իրոք իմն է․․․
 
Մինչ թիթեղագործը վերլուծում էր իր խառնաշփոթ մտքերը, Բոսսոն արդեն գտավ բժշկի բնակարանը։ Ընդունարան տանող փակ դուռը բոլորովին չշփոթեցրեց շանը։ Բոսսոն կարողանում էր բացել ցանկացած դռները, միայն թե բռնակով լիներ։ Ետևի թաթերին կանգնելով՝ առջևի թաթերով սեղմում էր բռնակը։ Դուռը բացվում էր։
 
Անասնաբույժի մոտ ետճաշյա ընդունելությունը ավարտին էր մոտենում։ Ընդունարանում դեռ նստած էին տարեց մի մարդ՝ իր ծեր կատվի հետ, երիտասարդ մի կին՝ թութակի հետ, և երկու պառավ, նրանք, որ տրամվայում էին իրենց պստլիկ տաքսայի հետ։ Բոսսոյի վրա հաչելիս նա սկսել էր զկրտալ, և հիմա զկրտում էր յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ։ Սակայն դա չխանգարեց նրան, որ նորից հաչի Բոսսոյի վրա։
 
― Հանգստացիր, Պուսսի, ― ասաց պառավներից մեկը, ― նա կարող է քեզ կծել։
 
Բոսսոն տաքսային նույնիսկ իր հայացքին չարժանացրեց։ Ի՞նչ գործ ունի այդ զկրտացող շնիկի հետ։ Նա դիմեց ուղիղ դեպի բժշկի առանձնասենյակը։ Բոլորը զարմացած հայացքներով ուղեկցեցին նրան։ Ետևի թաթերին բարձրանալով՝ Բոսսոն փորձեց բացել և այդ դուռը։ Բայց այստեղ ավելի բարձր սկսեց հաչել տաքսան, ֆշշացրեց ու մազերը ցցեց կատուն, իսկ թութակը զայրացած գոռաց․
 
― Դե՛, դե՛, այդ ո՞վ է։ Դե՛, դե՛, այդ ո՞վ է։
 
Բոսսոն ժամանակին հիշեց, որ բժշկի ընդունարանում պետք է սպասել։ Ամաչելով, նա քաշվեց ամենահեռավոր անկյունը, պառկեց ու գլուխը դրեց թաթերին։ Նա այնպես էր հոգնել, որ աչքերը փակվում էին։
 
Վերջին անգամ զկրտալով՝ լռեց տաքսան։ Կատուն դադարեց ֆշշացնելուց։ Թութակը գոհունակությամբ թափահարեց թևերն ու կռավեց․
 
― Բռռա՜վո, բռռա՜վո։ Կարգին է։
 
Սակայն Բոսսոն այլևս ոչինչ չէր լսում։ Նա քնած էր։ Բայց քնի մեջ էլ շարունակում էր վազե՜լ, վազե՜լ, վազե՜լ․․․
 
― Խնդրե՛մ, հաջորդը, ― ընդունարան դուրս գալով՝ ասաց բժիշկ Կրեմերը։
 
Բայց երիտասարդ կինը միայն հարցրեց՝ կարելի՞ է կոնֆետ տալ թութակին, թե ոչ։
 
― Երբեմն կարելի է, ― ասաց բժիշկը։ ― Բայց արևածաղկի սերմն ավելի լավ է, ավելի օգտակար։
 
Կատուն նույնպես շատ ժամանակ չխլեց։ Նրա տերն ուզում էր իմանալ, թե ինչու է իր կատուն դադարել մուկ որսալուց։ Բժիշկը ժպտալով նախ նայեց ծեր կատվին, հետո տիրոջը և մտերմաբար հարցրեց․
 
― Պապիկ, իսկ դուք պարահանդես գնո՞ւմ եք։
 
― Օ՜, աստված ոչ անի, ― բացականչեց ծերուկը։ Եվ միայն այդտեղ հասկացավ բժշկի խոսքերը։ Նա շնորհակալություն հայտնեց, գլուխ տվեց ու գնաց։
 
Պառավները դժգոհեցին, որ իրենց շունը հաճախակի զկրտում է։ Բայց տաքսան արդեն դադարել էր զկրտալուց և ծուռ թաթերի վրա շորորալով՝ դիմեց դեպի դուռը։ Նրա ետևից շտապեցին պառավները։
 
― Վե՛րջ, ― թեթևացած շունչ քաշելով ասաց բժիշկը։ Նա փակեց մուտքի դուռն ու, Բոսսոյին չնկատելով, ուղղվեց ետնամուտի կողմը։ Լարված աշխատանքային օրվանից հետո նա արդեն կանխավայելում էր ընթրիքը։
 
Խե՜ղճ Բոսսո։ Մի՞թե քո բոլոր ջանքերը անտեղի պիտի անցնեին։ Դու վաղը ախր ամոթից կմեռնես։
 
«Հա՛ֆ֊հա՛ֆ»։
 
Բժիշկ Կրամերը կանգ առավ կես ճամփին ու ականջ դրեց։
 
«Հա՛ֆ֊հա՛ֆ»։
 
Բժիշկը արագ վերադարձավ ընդունարան։ Ա՛յ քեզ բան․ անկյունում պառկած է Բոսսոն ու հաչում է երազում։
 
― Բո՛սսո, ― ձայն տվեց բժիշկը։ ― Այդ ի՞նչ ես անում։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս ես ընկել այստեղ․․․ Դե արթնացիր։
 
Բոսսոն բացեց աչքերն ու պլշած նայեց բժշկին։ Առաջին պահին նա նույնպես զարմացավ, հետո թռավ տեղից և անհանգիստ հաչելով, վազեց դռան մոտ, ասես ուզում էր իր շնային լեզվով պատմել ողջ պատմությունը։
 
Բայց, դժբախտաբար, նույնիսկ ամենախելացի անասնաբույժը չի հասկանում այդ լեզուն։
 
«Հա՛ֆ֊հա՛ֆ։ Հա՛ֆ֊հա՛ֆ»։
 
― Ինչպես տեսնում եմ՝ ոչ մի տեղդ չի ցավում, ― մտազբաղ ասաց բժիշկ Կրեմերը։ ― Բայց եթե այսքան անհանգիստ ես, ուրեմն մի պատճառ կա։ Բայց ի՞նչ պատճառ։ Եվ ո՞ւր է Ռոբերտը։
 
Լսելով Ռոբերտի անունը՝ Բոսսոն սրեց ականջները, բարձր կլանչեց ու գալարվեց ամբողջ մարմնով՝ գլխից մինչև պոչը։
 
― Այո՜, ― կամաց հոգոց հանելով ասաց բժիշկը, ― ստիպված եմ քեզ տուն տանել։ Բայց որտե՞ղ ես ապրում։ Ա՛խ, հա՜, հիշեցի՝ Երկարավուն լճակի մոտ։ Դե, գնացինք, Բոսսո։
 
Երբ բժիշկ Կրեմերը նստեց իր փոքրիկ մեքենայի ղեկի մոտ, Բոսսոն զգացմունքների հորդումից իր խոնավ, սառը դնչով հպվեց նրա ծոծրակին։ Գնացին։ Բայց այս ինչո՞ւ հանկարծ բժիշկը արգելակեց ու մեքենան մոտեցրեց մայթեզրին։ Այն պարզ պատճառով, որ լսեց ոստիկանական ավտոմեքենայի շչակի ձայնը՝ տա֊տու֊տատա՜․․․ Օհո՛, մեկի տեղը երկուսն են։ Մեքենաների տանիքին վառվում է կապույտ լույսը՝ տագնապի նշան։
 
Մեքենաները սլացան Մյուհելվալդի ու Երկարավուն լճակի կողմը։ Բժիշկ Կրեմերն ու Բոսսոն, իհարկե ոչ այդպիսի արագությամբ, հետևեցին նրանց։ Եվ առանց շչակի։ Բայց, դրա փոխարեն, ուրախ «հա՛ֆ֊հա՛ֆ»֊ով։
 
==XIII==
 
Դարձյալ կռկռում էին գորտերը և ծլվլում էին թռչունները։ Վերջին անգամ բարեհոգաբար, ասես ներողություն խնդրելով, թնդաց ամպրոպը։ Արեգակի ճառագայթները ավելի շեղակի էին ճեղքել֊անցել ծառերի տերևների միջով։ Այդ նշանակում էր, որ արևը ուր որ է դուրս կգա։ Դա տեսնելու համար Ռոբերտը պիտի բարձրանար ծառը։ Բայց դրա սիրտը չուներ․ երեք ագռավ պտտվում էին ուղիղ նրա ու այծյամի գլխավերևում։ Նրանց սովահար, խռպոտ կռկռոցը կարող էր ուրիշ գիշատիչների էլ այս կողմը գրավել։ Իսկ որ ագռավները գիշատիչ թռչուններ էին, Ռոբերտը համարյա չէր կասկածում։ Այլապես ինչու պիտի այդպես կռավեին։ Է՜յ, դուք, օրապակաս արծիվներ, զգուշացեք։
 
Ռոբերտը բարձրացրեց «հրացանը», նշան բռնեց ու կրակեց՝ «բո՜ւմ»։ Ափսոս, որ իսկական հրացան չուներ։ Բայց կարելի է և փայտ նետել ագռավների վրա։ Ըհը՛, վախեցան։
 
Ագռավներն, իրոք, թռան, մի քանի մետր վեր բարձրացան։ Արգելանոցի վրա կախվել էր գոլորշու ամպը։ Կովի առվի ջուրը չորս մատ բարձրացել էր և հիմա ավելի արագ էր հոսում, քան տեղատարափից առաջ էր։ Օղակ֊օղակ հոսում էր անձայն, հենց կողքին։ Շուտով նրան կկլանի Երկարավուն լճակը։ Գուցե այնտեղ է նրա տունը։
 
Այծյամը համաչափ էր շնչում, նա այլևս չէր դողում և, թվում էր, բոլորովին չէր վախենում Ռոբերտից։ Ի՜նչ բարի, շագանակագույն աչքեր ունի։ Ճիշտ Բոսսոյի աչքերի նման։
 
Հանկարծ Ռոբերտը հիշեց, թե ինչպես մի անգամ Բոսսոն, երբ դեռ ձագուկ էր, փողոց վազեց ու մոլորվեց։ Այն ժամանակ նրան ռադիոգործարանի պահակն էր գտել ու տարել գտնված իրերի բյուրո։ Միայն թե դա սովորական բյուրո չէր, այնտեղ պահում էին տերերին կորցրած կենդանիներին։ Իսկ եթե հանկարծ Բոսսոյին էլի նման մի բան պատահած լինի՞։
 
Այդ դեպքում մնում է հույսը դնել միայն Քայի վրա։ Նա պիտի որ վաղուց արդեն տանը լինի։ Բայց հանկարծ ու նրա հայրը դեռ վերադարձած չլինի, հանկարծ հեռավոր երթուղի ունենա։ Այդ դեպքում Քայը, միևնույն է, կվազեր Ռոբերտենց տուն կամ էլ թաղային Կոպֆլեի մոտ։ Եվ նրանցից մեկնումեկը արդեն այստեղ կլիներ։ Այնուամենայնիվ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ոչ ոք չի գալիս։
 
Ռոբերտը ականջ դրեց։ Բայց գորտերի կռկռոցից, թռչունների դայլայլից ու ագռավնեերի կռավոցից բացի, ոչինչ չէր լսում։
 
― Դե մի՛ վախենա, ― շշնջաց այծյամի ականջին։ ― Ես Բազեի Աչքն եմ։ Չէ, ես Ռոբինզոնն եմ։ Իսկ դու կլինես Ուրբաթը, որովհետև այսօր ուրբաթ է։ Թե՞ հինգշաբթի է։ Դե, դա գործին չի խանգարում, ընդհանուր առմամբ, դու վախենալու բան չունես։ Եթե նույնիսկ բոլորովին մթնի։ Գիշերը ագռավները քնում են։ Իսկ բվերը․․․ բվերը միայն մկներ են ուտում։
 
Տա՜֊տո՜ւ․․․ տա՜֊տո՜ւ․․․
 
Սա ի՞նչ է, հրշեջ խո՞ւմբ։ Հավանաբար ինչ֊որ տեղ կայծակը խփել է տանը։ Այդ դեպքում զարմանալի չէ, որ ոչ ոք չի գալիս։ Հրդեհով տարված, Քայը, իհարկե, մոռացել է և՛ Ռոբերտին, և՛ այծյամին։ Քայը ընդհանրապես շատ մոռացկոտն է։ Եթե սկսի օգնել հրշեջներին, բոլորովին կմոռանա Ռոբերտի մասին։ Իսկ եթե Բոսսոն չի հասել անասնաբույժի մո՞տ․․․ Բայց ավելի լավ է այդ մասին չմտածել։
 
Ռոբերտին այնպիսի մի թախիծ պատեց, ինչպես չէր պատել նույնիսկ ամպրոպի ժամանակ։ Բայց Ռոբինզոնն էլ լավ չէր զգում, երբ առաջին անգամ գիշերեց կղզում։
 
Եվ իսկապես, Ռոբինզոնն ինչպե՞ս անցկացրեց այդ առաջին գիշերը։ Ախ, հա՜, նա մագլցեց ծառը։ Բայց կողքին վիրավոր այծյամ չկար։ Իսկ ի՞նչ կաներ նա․․․
 
― Իմացա՜, ― բարձրաձայն ասաց Ռոբերտը։ ― Ես մեզ համար խրճիթ կսարքեմ։ Դու առայժմ պառկիր, իսկ ես անմիջապես գործի անցնեմ։
 
Արգելանոցում շատ չոր ճյուղեր ու տաշեղներ կային։ Դրանք հավաքելով՝ Ռոբերտը հողի մեջ ձեռքի հաստության երեք փայտ խրեց։ Նրանց ներքևի ծայրերը այծյամի շուրջը եռանկյունի կազմեցին, իսկ վերևի ծայրերը միացան իրար։
 
Ո՞ւր է պարանը։ Հա, դրանով երկտողը կապեցի։ Ոչինչ, թաշկինակն էլ կլինի, թեկուզ այնքան էլ մաքուր չէ։ Խրճիթի կմախքը պատրաստ էր։ Մնում էր պատերը շինել։ Դա առաջին հյուղակը չէր, որ պատրաստում էր Ռոբերտը։ Եվ դեռ ձեռքի տակ եղած նյութերի առատության շնորհիվ գործը արագ էր ընթանում։ Նույնիսկ փորձված ճանապարհորդը դժվար թե կարողանար այսքան կարճ ժամկետում իր համար կացարան կառուցել։ Այս մասին Ռոբերտը շուտ պիտի մտածեր։ Այն ժամանակ այսպես չէր թրջվի մինչև վերջին թելը։
 
― Հափչի՛։
 
Այծյամը ցնցվեց։ Հետաքրքիր է՝ այծյամները հարբուխով հիվանդանո՞ւմ են։ Հյուղակի մեջ պատերը երկարավուն ստվերներ էին գցել։ Ռոբերտը հիանում էր իր աշխատանքով և հանկարծ նկատեց, որ մոռացել է հյուղակին դուռ թողնել։ Դե, դա անուղղելի չէ։ Առջևի պատի տակ զգուշությամբ փորելով փափուկ մամուռը՝ Ռոբերտը ոչ լայն մի անցք բացեց։ Վե՛րջ, ամեն ինչ կարգին է։ Ոչ թե խրճիթ է, այլ իսկական դղյակ։
 
Եվ ա՛յ քեզ հրաշք, տեսողությունից կորցնելով այծյամին՝ ագռավները հիասթափված կռկռացին ու թռան֊գնացին։ Իսկ գուցե պարզապես գնացին քնելո՞ւ։
 
Արդեն մթնում էր։ Եվ ինչո՞ւ են սեպտեմբերյան երեկոներն այդքան կարճ։ Արևը չի հասցնում մայր մտնել, և աղջամուղջին փոխարինե