Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 247 315 բայտ, 12:39, 20 Հուլիսի 2013
:   Երբ ես հասա տուն, որի ճանապարհը գտնելու համար ստիպված էի մի քանիսին հարցնել, իմ ծառաներից մեկը բաց արավ դուռը։ Ներս մտնելիս ես կռացա (դռան տակից անցնող սագի նման), վախենալով, որ գլուխս կդիպչի գերանին։ Կինս վազեց, որ ինձ գրկի, իսկ ես կռացա մինչև նրա ծնկները, կարծելով, թե այլ կերպ նա չի կարող համբուրել իմ շրթունքները։ Աղջիկս չոքեց իմ օրհնությունն ստանալու, բայց ես չկարողացա նրան տեսնել, մինչև որ չկանգնեց, որովհետև ես երկար ժամանակ սովորել էի գլուխս ու աչքերս ուղղել վաթսուն ոտնաչափ դեպի վեր․ այնուհետև ես արի մի շարժում, որով ցանկանում էի նրա իրանից բռնել ու վեր բարձրացնել։ Իմ ծառաների ու տանը գտնվող մի քանի բարեկամների վրա նայում էի բարձրից, կարծես թե նրանք թզուկներ լինեին, իսկ ես՝ մի հսկա։ Կնոջս ասի, թե նա, ինչպես երևում է, շատ խնայող կյանք է վարել, որովհետև թե՛ նա և թե աղջիկս կարծես թե ուզեցել են սովամահ անել իրենց և ոչնչացնել։ Կարճ խոսքով, իմ վարմունքով ես այնքան անճանաչելի էի դառել, որ ամենքն էլ կապիտանի կարծիքին էին, երբ նա առաջին անգամ տեսավ ինձ, այսինքն՝ որոշեցին, որ խելքս կորցրել եմ։ Այս ամենը ես այստեղ հիշում եմ, ցույց տալու համար, թե որքա՜ն մեծ է սովորության ու նախապաշարումների զորությունը։
:   Մի փոքր հետո իմ ընտանիքիս և բարեկամներիս մեջ եղած թյուրիմացությունները վերացան, սակայն իմ կինը հայտարարեց, թե այսուհետև ես երբեք ծովի երես չեմ տեսնի, թեև իմ չար բախտն այնպես տնօրինեց, որ կինս չկարողացավ արգելք հանդիսանալ ինձ, ինչպես ընթերցողը կիմանա հետագայում։ Միևնույն ժամանակ ես վերջացնում եմ իմ դժբախտ ճանապարհորդուցյան երկրորդ մասը։
 
==Երրորդ մաս — Ճանապարհորդուցյուն դեպի Լապուտա
 
==Գլուխ առաջին==
:   Հեղինակն սկսում է իր երրորդ ճանապարհորդուցյունն ու գերի ընկնում ծովահեններին։ Հոլանդացու չարակամությունը։ Հեղինակը ժամանում է մի կղզի։ Նրան բարձրացնում են Լապուտա։
 
:   Տասն օր չկար, որ տանն էի, երբ մոտս եկավ կոռնիշեցի կապիտան Վիլյամ Ռոբինզոնը, «Հուսատու»֊ի հրամանատարը, մի նավի, որ երեք հարյուր տոննա տարողություն ուներ։ Մի ժամանակ, Լեվանտ ճանապարհորդելիս, ես վիրաբույժ էի մի ուրիշ նավի վրա, որի պետն ու չորրորդ մասի տերն էր նա։ Ինձ հետ նա վարվում էր ավելի շուտ իբրև եղբոր, քան ստորադաս ծառայողի, ուստի լսելով իմ գալուստը՝ ինձ այցելության եկավ, ինչպես թվաց, լոկ բարեկամական զգացմունքից դրդված, որ երկար բացակայությունից հետո միանգամայն հասկանալի էր։ Սակայն իր այցելությունները մի քանի անգամ կրկնելուց և ինձ ողջ և առողջ գտնելու համար իր խնդակցությունը հայտնելուց հետո նա հարցրեց, թե արդյոք ես այժմ նստակյա՞ց կյանք պիտի վարեմ, թե՞ ոչ, ու ավելացրեց, որ երկու ամսից հետո մտադիր է մի ճանապարհորդուցյուն կատարել դեպի Արևելայն Հնդկաստան․ ի վերջո մի շարք ջատագովություններից հետո ուղղակի հրավիրեց ինձ՝ նրա նավում վիրաբույժ լինելու․ նա հայտնեց, որ ես, բացի երկու բուժակից, մի օգնական վիրաբույժ էլ պիտի ունենամ, որ իմ ռոճիկը սովորականից երկու անագամ ավելի պետք է լինի և որ փորձից գիտե, թե ես համարյա նրա չափ ծանոթ եմ ծովային գործերին․ ուստի նա պարտավորվում է հետևել իմ խորհուրդներին, ինչպես եթե ես նրա օգնականը լինեի։
:   Նա ինձ այնքա՜ն շատ սիրալիր խոսքեր ասած, և ես այնքա՜ն էի ճանաչում նրան, իբրև մի ազնիվ մարդու, որ անկարող էի մերժել նրա առաջարկը․ և վերջապես աշխարհ տեսնելու ցանկությունը, չնայած իմ ունեցած դժբախտություններին, առաջվա պես իմ մեջ շատ ուժգին էր։ Միակ դժվարությունը մնում էր իմ կնոջը համոզել․ սակայն վերջ ի վերջո ես ստացա նրա համաձայնությունը, երբ նկարագրեցի այն օգուտները, որ պիտի ունենան մեր երեխաներն այդ ճանապարհորդուցյունից։
:   Մենք մեկնեցինք 1706 թվի օգոստոսի 5֊ին ու 1707 թվի ապրիլի 11֊ին հասանք Սան֊Ջորջի ամրոցը։ Մենք այդտեղ մնացինք երեք շաբաթ՝ կազդուրելու համար մեր նավաստիներին, որոնցից շատերը հիվանդ էին։ Այդտեղից մենք գնացինք Տոնքին, որտեղ կապիտանը որոշեց մի առժամանակ մնալ, որովհետև ապրանքի շատ մասը, որ նա մտադիր էր գնել, դեռ պատրաստ չէր և հույս չուներ, որ մի քանի ամսից կանուխ կարող էր վերջացնել գործը։ Ուստի ծախքերը մասամբ թեթևացնելու հուսով նա մի սլուպ գնեց, զանազան ապրանքներ բարձեց վրան, որոնցով տոնքինցիները միշտ առևտուր են անում հարևան կղզիների հետ, ու նավի մեջ տեղավորելով տասնչորս մարդ, որոնցից երեքը տեղացիներ էին, ինձ նշանակեց սլուպի գլխավորը և իրավունք տվեց ապրանքը վաճառելու, մինչև որ նա կավարտի իր գործերը Տոնքինում։ Երեք օր չանցած՝ մի մեծ փոթորիկ բարձրացավ, որ մեզ հինգ օր շարունակ քշեց հյուսիս֊արևելք, և ապա դեպի արևելք․ դրանից հետո եղանակը լավացավ, սակայն արևմուտքից միշտ փչում էր բավականին ուժեղ քամի։ Տասներորդ օրը մեզ սկսեցին հետապնդել երկու ծովահեն, որոնք շուտով հասան մեզ, որովհետև իմ սլուպն այնքան ծանրաբեռնված էր, որ չէր կարողանում արագ սուրալ, իսկ մենք ի վիճալի չէինք պաշտպանվելու։
:   Մենք համարյա թե միաժամանակ շրջապատվեցինք երկու ծովահենների կողմից, որոնք արագ բարձրացան մեր նավը իրենց մարդկանց հետ միասին, և տեսնելով, որ մենք ամենքս էլ գետնատարած չոքել ենք նրանց առաջ (որովհետև ես այդպես էի հրամայել), բավարարվեցին նրանով, որ թոկերով ամուր կապոտեցին ու հսկողներ դնելով մեզ վրա, սկսեցին խուզարկել սլուպը։
:   Նրանց մեջ ես նկատեցի մի հոլանդացու, որ կարծես թե նրանց մեջ հեղինակություն էր վայելում, թեև նավերից ոչ մեկի հրամանատարը չէր։ Մեր արտաքինից նա իմացավ, որ մենք անգլիացիներ ենք և դիմելով մեզ իրենց լեզվով՝ երդվեց, որ մեզ մեջք֊մեջքի պիտի կապի ու ծովը նետի։ Ես տանելի կերպով խոսում էի հոլանդերեն, և նրան ասացի, թե ո՛վ ենք մենք ու խնդրեցի նկատի ունենալ, որ մենք քրիստոնյա և բողոքական ենք, հարևան դաշնակից երկրի հպատակները, որ նա պիտի շարժի իրենց կապիտանի գութը մեր հանդեպ։ Իմ դիմումը նրան կատաղություն պատճառեց․ նա կրկնեց իր սպառնալիքներն ու դառնալով իր ընկերներին՝ սկսեց տաք֊տաք խոսել, ինչպես ես ենթադրեցի, ճապոնական լեզվով, հաճախ գործ ածելով քրիստիանոս խոսքը։
:   Ծովահենների ավելի խոշոր նավի հրամանատարն էր մի ճապոնացի, որը մի քիչ խոսում էր հոլանդերեն, բայց շատ թերի։ Մոտենալով ինձ, նա մի քանի հարցեր տվեց, որոնց ես պատասխանեցի խորին հնազանդությամբ․ նա ինձ ասաց, որ մեզ չպիտի սպանեն։ Ես խորը կերպով գլուխ տվի կապիտանին և ապա դառնալով հոլանդացուն, ասացի, թե ցավում եմ, որ մի կռապաշտի մոտ ավելի գթասրտություն եմ տեսնում, քան եղբայրակից քրիստոնյաի։ Բայց ես շուտով ափսոսացի այդ անմտածված խոսքերի համար, որովհետև այդ անգամ սրիկան, մի քանի անգամ իզուր փորձեր անելուց հետո, որպեսզի զույգ կապիտաններին համոզի՝ նետելու ինձ ծովը (իսկ նրանք խոսք տալուց հետո չէին ուզում, որ ես մեռնեմ), այնուամենայնիվ հաջողեցրեց, որ ինձ ավելի տմարդի պատիժ նշանակեն, քան ինքը մահն է։ Մերոնց հավասար կերպով բաժանեցին երկու ծովահենների նավերի վրա, իսկ իմ սլուպի վրա կարգեցին նոր հրամանատարություն։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, նրանք որոշեցին դնել մի փոքրիկ մակույկի մեջ, տալով ինձ առագաստ և թիեր ու չորս օրվա պաշար և թողնել հողմերի ու ալիքների քմահաճույքին։ Ճապոնացի կապիտանն այնքան բարի եղավ, որ այդ պաշարը կրկնապատկեց իր սեփական մթերքներից և թույլ չտվեց, որ ինձ խուզարկեն։ Ես իջա այդ մակույկը, իսկ հոլանդացին նավի տախտակամածի վրա կանգնած ինձ վրա էր տեղում ամեն տեսակի անեծքներ ու հայհոյանքներ, որ գոյություն ունեին նրանց լեզվով։
:   Ծովահեններին տեսնելուց մի ժամ առաջ ես հաշվեցի, որ մենք գտնվում ենք հյուսիսային լայնության 46 աստիճանի և երկարության 183 աստիճանի վրա։ Երբ ես ծովահեններից մի որոշ տարածություն հեռացել էի՝ իմ գրպանի հեռադիտակի օգնությամբ հայտնաբերեցի հարավ֊արևելյան կողմում մի քանի կղզի։ Ես պարզեցի առագաստն ու հաջողակ քամուն հանձնելով մտադիր էի հասնել այդ կղզիներից ամենամոտիկին, որ և հաջողվեց երեք ժամում։ Կղզին ամբողջովին ապառաժոտ էր․ այդտեղ ես մեծ քանակությամբ թռչունների ձվեր գտա ու կրակ անելով՝ ցարասենուց ու ջրխոտերից օջախ արի և խաշեցի ձվերը։ Ընթրիքս միայն այդ էր, որովհետև որոշեցի հնարավոր չափով խնայողաբար գործածել իմ պաշարը։ Գիշերն անց կացրի ժայռին ապավինած և տակս ցարասենու ճյուղեր փռած, հիանալի կերպով քնեցի։
:   Հետևյալ օրը առագաստս պարզած՝ նավս քշեցի դեպի մյուս կղզին, ապա՝ երրորդ ու չորրորդ կղզիները, բանեցնելով բացի առագաստից և թիերը։ Սակայն չհոգնեցնելու համար ընթերցողին իմ դժբախտության մանրամասն նկարագրությամբ, բավական է, եթե ասեմ, որ հինգերորդ օրը ես հասա իմ նկատած վերջին կղզին, որն ընկած էր նախկին կղզուց դեպի հարավ ― հարավ֊արևելք։
:   Այդ կղզին ավելի հեռու էր, քան ես կարծում էի, ուստի առնվազն հինգ ժամից հասա նրա ափերին։ Ես համարյա թե պտտեցի նրա չորս կողմը, մինչև որ կարողացա հարմար տեղ գտնել իջնելու համար․ դա մի փոքրիկ ծովախորշ էր, մոտ երեք անգամ իմ մակույկից լայն։ Կղզին ամբողջովին ժայռոտ էր, տեղ֊տեղ միայն կար դալար խոտ և անուշահոտ ծաղիկներ։ Ես հանեցի իմ աղքատիկ պաշարը, մի փոքր կազդուրվեցի ու պաշարիս մնացորդը թաքցրի քարանձավներից մեկի մեջ, որոնց թիվն այնտեղ շատ֊շատ էր։ Ապառաժների վրա ես շատ ձվեր հավաքեցի, ապա մեծ քանակությամբ մամուռ ու խանձված խոտ կիտեցի, որոնցով ես հետևյալ օրը մտադիր էի կրակ անել ու խաշել ձվերը (որովհետև մոտս կար կայծքար, պողպատ, աբեթ և հրատու ապակի): Գիշերը ես պառկեցի քարանձավում, որտեղ իմ պաշարն էր։ Անկողինս նույն չոր խոտն էր ու մամուռը, որ ես պատրաստել էի վառելիքի համար։ Քնեցի ես շատ քիչ, որովհետև խռովված հոգիս հաղթահարում էր իմ հոգնությունը և ինձ արթուն պահում։ Ես խորհում էի, թե ինչպե՛ս պիտի պահպանեմ իմ կյանքս այս ամայի վայրերում և ինչա՛ն խճալի պիտի լինի իմ վախճանը։ Ես ինձ այնքան թույլ և վատ էի զգում, որ սիրտ չէի անում տեղից վեր կենալու, և մինչև ուժերս հավաքեցի ու դուրս եկա քարանձավից, օրն արդեն բավականին բացվել էր։ Ես մի փոքր քայլեցի ապառաժների արանքներում․ երկինքը միանգամայն պարզ էր և արևն այնքա՜ն տաք, որ ես ստիպված էի արևից շրջել իմ երեսը․ այդ միջոցին հանկարծ օդը խավարեց, բայց ոչ այնպես, երբ արևը ծածկվում է ամպերի հետևը։ Ես ետ դարձա ու նկատեցի՝ արևի դեմ բռնել էր մի ահագին անթափանց մարմին, որ շարժվում էր կղզու ուղղությամբ․ այդ մարմինը, ինչպես թվում էր ինձ, մոտ երկու մղոն բարձրության վրա էր, և վեց թե յոթ րոպե ծածկում էր արևը։ Սակայն նկատելի չէր, որ դրանից օրն ավելի ցրտեր ու մթներ, քան այն ժամանակ, երբ կանգնում ես լեռան ստվերում։ Քանի այդ մարմինը մոտենում էր իմ կանգնած տեղին, այնքան թվում էր ինձ, որ դա մի կարծր նյութ է, հարթ, ողորկ և ծովի արտացոլումից լուսաշող հատակով։ Ես կանգնած էի ափից մոտ երկու հարյուր յարդ բարձր և տեսնում էի, թե ինչպես այդ լայնարձակ մարմինը գրեթե ինձ զուգահեռ ուղղությամբ իջնում է ցած, մոտ մեկ անգլիական մղոն հեռավորության վրա։ Հանեցի իմ գրպանի հեռադիտակն ու պարզ նկատեցի զառիվայրերով վեր ու վար անող մարդկանց, բայց թե ի՞նչ էին անում նրանք, չկարողացա որոշել։
:   Կյանքի բնական սերը լցրեց իմ սիրտն ուրախության զգացմունքով և իմ մեջ մի հույս ծագեց, որ այդ երևույթը այս կամ այն կերպ կարող է օգնել ինձ դուրս գալու այդ ամայի վայրից և այն խղճալի վիճակից, որի մեջ ես ընկել էի։ Միևնույն ժամանակ ընթերցողը հազիվ թե ըմբռնի իմ զարմանքը, երբ տեսնում էի օդի մեջ ճախրող մի կղզի, մարդկանցով լեցուն, որոնք կարող էին (ինչպես ինձ թվաց), ըստ իրենց ցանկության, բարձրանալ և իջնել կամ առաջ շարժվել։ Սակայն այդ րոպեին այն վիճակի մեջ չէի, որ փիլիսոփայություն անեի այդ տեսիլքի վրա, ավելի նախամեծար էի համարում դիտել, թե կղզին ի՞նչ ուղղություն պիտի բռնի, որովհետև նա մի պահ կարծես թե կանգ առավ։ Սակայն շուտով կղզին մոտեցավ ինձ, և ես կարողացա տեսնել, որ նա ամեն կողմից ունի մի շարք պատշգամբներ, որոնք դասավորված են աստիճաններով և հաղորդվում են մեկը մյուսից որոշ հեռավորության վրա գտնվող սանդուխքներով։ Ամենացածր պատշգամբում ես տեսա մի քանի մարդկանց, որոնք կարթերով ձուկ էին որսում, իսկ մյուսները դիտում էին։ Ես շարժեցի օդի մեջ իմ գիշերային գլխանոցը (որովհետև գլխարկս վաղուց արդեն մաշվել էր) և իմ թաշկինակը կղզու ուղղությամբ․ իսկ երբ նա ավելի մոտեցավ՝ ես սկսեցի կանչել և գոռալ ամբողջ ուժով․ ապա ուշադրությամբ նայելուց հետո տեսա, որ կղզու դեպի ինձ դարձած կողմը հավաքվեց մի ամբոխ։ Ես տեսա, որ նրանք նկատել են ինձ, որովհետև մատով ցույց էին տալիս ինձ և ապա միմյանց նշաններ անում, թեև իմ կանչերին ոչ մի պատասխան չտվին։ Միայն չորս թե հինգ հոգի սանդուղքներով արագ֊արագ բարձրացան կղզու կտուրն ու անհետացան այնտեղ։ Հաստատապես կարող եմ ենթադրել, որ նրանց ուղարկեցին մի որևէ հեղինակավոր անձի մոտ՝ եղած դեպքի առիթով հրահանգներ ստանալու։
:   Մարդկանց թիվը քանի գնում ավելանում էր․ ու չանցավ մեկ ու կես ժամ, երբ կղզին իրարանցվեց ու սկսեց բարձրանալ օդի մեջ, մինչև որ նրա ստորին պատշգամբը հարյուր յարդ հեռավորության վրա, հավասարվեց այն տեղին, ուր ես էի կանգնած։ Այնուհետև աղաչող մարդու կեցվածքով ես սկսեցի հլու շեշտերով խոսել, սակայն նրանք ինձ ոչ մի պատասխան չտվին։ Ինձ ավելի մոտ կանգնածները, ինչպես ես հասկացա նրանց հագուստներից, ըստ երևույթին նշանավոր մարդիկ էին։ Նրանք իրար հետ լուրջ կերպով խարհուրդ էին անում՝ հաճախ դեպի ինձ նայելով։ Վերջապես նրանցից մեկը գոչեց հստակ, վայելուչ ու սահուն բարբառով, որ նման էր իտալերենի, ուստի ես պատասխանեցի այդ լեզվով, հուսալով գոնե, որ այդ ներդաշնակությունն ավելի դուրեկան կլինի նրանց ականջին։ Թեև մենք իրար չհասկացանք, սակայն իմ մտադրությունը դժվար չէր գուշակել, որովհետև նրանք տեսնում էին այն դժբախտ կացությունը, որի մեջ ես գտնվում էի։
:   Նրանք ինձ նշան արին, որ ապառաժներից ցած իջնեմ դեպի ափը, որ ես անմիջապես կատարեցի։ Ու թռչող կղզին իջավ մինչև մի հարմար բարձրություն, իր մի եզրն ուղիղ իմ գլխավերևի կողմը դարձրեց, ապա ստորին պատշգամբից մի շղթա բաց թողին, ծայրին ամրացրած մի նստատեղի, որի վրա ես նստեցի, իսկ հետո ինձ ճախարակների օգնությամբ վեր բարձրացրին։
 
==Գլուխ երկրորդ==
:   Լապուտացիների բնավորության և խառնվածքի նկարագրությունը։ Պատկերացում նրանց գիտության մասին։ Թագավորի և նրա արքունիքի մասին։ Հեղինակի ընդունելուցյունն այնտեղ։ Տեղացիների երկյուղն ու տագնապը։ Լապուտայի կանայք։
 
:   Հենց որ ես բարձրացա, ինձ շրջապատեց մարդկային մի ամբոխ, սակայն ավելի մոտ կանգնածները, երևում էր, որ բարձր դասի մարդիկ էին։ Նրանք դիտում էին ինձ զարմանքի գերագույն նշաններով, սակայն ես էլ այդ տեսակետից նրանցից պակաս չէի, որովհետև մինչև օրս ես երբեք չէի տեսել մահկանացուների մի ցեղ, այդքա՜ն անօրինակ՝ իր կազմվածքով, հագուստով ու կերպարանքով։ Ամենքի գլուխները հակված էին կամ դեպի աջ, կամ դեպի ձախ․ նրանց մի աչքը նայում էր դեպի ներս, իսկ մյուսը՝ ուղղակի դեպի զենիթը։ Նրանց վրայի հագուստները զարդարված էին արևի, լուսնի ու աստղերի նկարներով, և, մեջ ընդ մեջ՝ ջութակի, սրնգի, տավիղի, շեփորի, կիթառի, դաշնամուրի և Եվրոպայում անծանոթ բազմաթիվ այլ երաժշտական գործիքների պատկերներով։ Աջ ու ձախ տեսնում էի ծառայի հագուստներով բազմաթիվ մարդկանց, որոնք ձեռներին բռնել էին մտրակի պես կարճ ձեռնափայտեր, ծայրերին կապած օդով լիքը փուչիկներ։ Ամեն մի փուչիկի մեջ կար մի քիչ չորացրած սիսեռ կամ մի քանի խիճ (ինչպես ինձ հաղորդեցին հետագայում): Այդ փուչիկները նրանք մերթ ընդ մերթ խփում էին իրենց մոտ կանգնած մարդկանց բերանին և ականջներին, բայց թե ի՞նչ նպատակով՝ ես սկզբում չհասկացա։ Ըստ երևույթին այդ մարդկանց միտքն այն աստիճան տարված է հախուռն խորհրդածություններով, որ նրանք անկարող են խոսել կամ լսել ուրիշի ասածները, մինչև որ մեկն արտաքուստ շփելով նրանց խոսելու և լսելու զգայարանները, չզարթեցնի նրանց․ ահա թե ինչու նրանք, ովքեր ի վիճակի են, իրենց ծառաների մեջ միշտ պահում են մի հարվածող (տեղացիների լեզվով՝ կլայմինոլ), առանց որի նրանք ոչ զբոսանքի են գնում և ոչ էլ այցելության։ Երբ երկու կամ ավելի հոգի հանդիպում են իրար, այդ ծառայի պարտականությունն է իր փուչիկով թեթև հարվածել նրա բերանին, ով պիտի խոսի և նրա կամ նրանց ականջին, ում դիմում է խոսողը։ Բացի այդ, հարվածողն զբոսանքի ժամանակ մշտապես պարտավոր է ուղեկցել իր տիրոջը և տեղն ընկած ժամանակ նրա աչքերին թեթև հարվածներ տալ, որովհետև իր տերն այնքան ընկղմված է լինում խոհերի մեջ, որ ամեն րոպե ենթակա է անդունդի մեջ ընկնելու, իր գլուխը սյունին խփելու, իսկ փողոցում՝ մեկին բախվելու կամ իրեն խրամատի մեջ նետելու վտանգին։
:   Հարկավոր էր, որ ընթերցողին ես տայի այս տեղեկությունը, առանց որի նա ինձ պես պիտի անկարող լիներ հասկանալ այդ մարդկանց արարքը, երբ նրանք սանդուղքներով տանում էին ինձ դեպի վեր՝ կղզու կտուրը, իսկ այնտեղից՝ դեպի թագավորական պալատը։ Երբ մենք բարձրանում էինք, նրանք մի քանի անգամ մոռացան, թե ի՞նչ պիտի անեն, ու թողին ինձ մենակ, մինչև որ հարվածողները նորից չվերականգնեցին նրանց հիշողությունը։ Ըստ երևույթին նրանց վրա ոչ մի ազդեցություն չէր թողել իմ օտարոտի հագուստն ու արտաքին տեսքը և ոչ էլ անբոխի աղմուկը, այն ամբոխի, որի խելքն ու միտքն ավելի քիչ է զբաղված։
:   Վերջապես մենք մտանք պալատը և անցանք ընդունարանը, ուր ես տեսա թագավորին՝ գահի վրա նստած և երևելի մարդկանցով շրջապատված։ Նրա առաջ դրված էր մի սեղան, որի վրա կային բազմաթիվ աշխարհագնդեր, մոլորակներ և այլ մաթեմատիկական գործիքներ։ Նորին մեծությունն ամենևին չնկատեց մեզ, թեև մեր մուտքը, շնորհիվ մեզ ուղեկցող պալատականների, բավականին աղմկահույզ էր։ Նա խորասուզվել էր մի ինչ֊որ առեղծվածի մեջ, ու մենք համարյա թե մի ժամ սպասեցինք, մինչև որ նա լուծեց այդ առեղծվածը։ Երկու կողմից կանգնած էին մի֊մի մանկլավիկ, փուչիկները ձեռներին։ Եվ երբ նրանք տեսան, որ թագավորն ազատ է, նրանցից մեկը մեղմորեն խփեց նրա բերանին, իսկ մյուսը ականջին․ դրանից թագավորը հանկարծակի արթնացածի պես վեր թռավ և նայելով ինձ ու շրջապատողներին, հիշեց մեր գալը, որի մասին նրան առաջուց զեկուցել էին։ Նա մի քանի խոսք ասաց, որից հետո մի երիտասարդ մոտեցավ ինձ և իր փուչիկով թեթև խփեց իմ աջ ականջին։ Սակայն ես նշան արի, որ այդ գործիքի կարիքը չեմ զգում․ դա, ինչպես ես հետո իմացա, առիթ տվեց նորին մեծության և ամբողջ պալատին շատ ստոր կարծիք կազմելու իմ մտավոր ընդունակությունների մասին։ Թագավորը, ինչպես ես կարողացա ենթադրել, ինձ զանազան հարցեր էր տալիս, իսկ ես պատասխանում էի նրան իմ գիտեցած բոլոր լեզուներով։ Երբ նա տեսավ, որ միմյանց չենք կարող հասկանալ, թագավորի հրամանով ինձ տարան պալատական սրահներից մեկը (այս թագավորը հայտնի էր իր հյուրնկալությամբ դեպի օտարակններն ավելի, քան իր նախորդները), որտեղ ինձ սպասավորելու համար նշանակեցին երկու ծառա։ Ինձ համար ճաշ բերին, և չորս երևելի անձինք, որոնց, ես հիշում եմ, որ տեսա իրեն՝ թագավորի կողքին նստած, պատիվ արին ինձ հետ ճաշելու։ Մեր ճաշը շարունակվեց երկու պահ, ամեն մի պահին տվին երեք տեսակի կերակուր։ Առաջին պահին տվին ոչխարի թիկունք՝ հավասարակող եռանկյունու ձևով կտրած, մի կտոր կովի միս, շեղանկյուն կտրած, և պուդդինգ՝ շրջանակաձև պատրաստած։ Երկրորդ պահին տվին ջութակաձև պատրաստած երկու բադ, սրնգաձև և շեփորաձև երշիկ և պուդդինգ ու տավիղաձև հորթի կրծքի միս։ Սպասավորները կտրում էին մեր հացը, տալով այդ կտորներին գլանակի, ռոմբի և ուրիշ շատ մաթեմատիկական պատկերների ձևեր։
:   Ճաշի ժամանակ ես համարձակություն ունեցա հարցնելու մի քանի իրերի անուններն իրենց լեզվով․ և այդ ազնվազարմ անձինք, իրենց հարվածողների աջակցությամբ, բարեհաճեցին պատասխանել ինձ, հույս ունենալով, որ նրանց ընդունակությունների մասին իմ զարմանքը կմեծանա, եթե ես կարողանամ նրանց հետ զրուցել։ Շուտով ես կարողացա խնդրել հաց, ջուր և ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ։
:   Ճաշից հետո իմ սեղանակիցները հեռացան, ու թագավորի հրամանով ինձ մոտ մի մարդ եկավ՝ ուղեկցությամբ մի հարվածողի։ Նա իր հետ բերեց գրիչ, թանաք, թուղթ, երեք թե չորս գիրք, ու նշաններով ինձ հասկացրեց, թե իրեն ուղարկել են ինձ սովորեցնելու։ Մենք չորս ժամ պարապեցինք, և այդ ժամանակամիջոցում ես գրեցի սյունակ առ սյունակ մեծ քանակությամբ բառեր, ամեն մի բառի դիմաց՝ իր թարգմանությունը։ Բացի այդ, ես փորձեցի սովորել մի քանի նախադասություն։ Իմ դասատուն հրամայեց իմ սպասավորներից մեկին, որ մի որևէ իր բերի, ետ դառնա, գլուխ տա, նստի, վեր կենա, ման գա և այլն։ Իսկ ես գրի էի առնում դասատուի արտասանած նախադասությունները։ Նմանապես նա ինձ իր գրքերից մեկում ցույց տվեց զանազան նկարներ՝ արևի, լուսնի, աստղերի, զոդիակի, արևադարձի, բևեռային շրջանների և միևնույն ժամանակ տվեց բազմաթիվ պատկերների և հաստատուն մարմինների անուններ։ Նա տվեց ինձ բոլոր երաժշտական գործիքների և այդ գործիքներից ամեն մեկի վրա նվագելու արվեստի կարևոր տերմինների անուններն ու նկարագրությունը։ Երբ նա գնաց, ես այդ բոլոր բառերն իրենց մեկնությամբ հանդերձ դասավորեցի այբուբենական կարգով։ Եվ այդպես, մի քանի օրում, շնորհիվ իմ լավ հիշողության, ես որոշ չափով սովորեցի նրանց լեզուն։
:   Ես ամենևին չկարողացա իմանալ իսկական ստուգաբանությունն այն խոսքի, որ ես թարգմանում եմ՝ թռչող կամ լողացող կղզի և որն իրենց լեզվով կոչվում է Լապուտա։ Հին, անգործածական լեզվով լապ խոսքը նշանակում է՝ գերագույն, իսկ ունտուն՝ վարիչ, որից, ասում են, աղավաղված կերպով ածանցված է Լապուտա խոսքը՝ փոխանակ՝ Լապունտուհ֊ի։ Սակայն ես չեմ կարող հավանություն տալ այդ ածանցման, որ թվում է ինձ մի փոքր բռնազբոսիկ։ Ես համարձակություն ունեցա առաջարկելու նրանց գիտնականներին իմ սեփական վարկածը, որ Լապուտա խոսքը quasi լապ աուտեդ֊ն է․ լապ ― հատկապես նշանակում է ծովի մեջ արևի շողերի խաղ, իսկ աուտեդ՝ նշանակում է թև․ սակայն ես չեմ պնդում այդ վարկածը, այլ միայն առաջարկում եմ արդարամիտ ընթերցողին։
:   Թագավորի հրամանով ինձ վրա կարգված խնամատարները նկատելով, թե ես որքա՜ն վատ եմ հագնված, կարգադրեցին, որ հետևյալ առավոտ մի դերձակ գա և վերցնի իմ չափը մի ձեռք հագուստի համար։ Այդ վարպետն իր պաշտոնը կատարեց միանգամայն այլ կերպ, քան անում են նրա արհեստակիցները Եվրոպայում։ Նախ և առաջ քառորդակի օգնությամբ վերցրեց իմ հասակի բարձրությունը, ապա քանոնով ու կարկինով որոշեց իմ մարմնի ծավալն ու շրջագիծը, և այս ամենն արձանագրեց թղթի վրա ու վեց օրից հետո բերեց իմ հագուստը, շատ վատ կարած և ոչ իմ վրայով, շնորհիվ այն սխալի, որ նա արել էր հաշվելու ժամանակ։ Սակայն ես մխիթարվում էի նրանով, որ նման դեպքեր հաճախ էի նկատում, ուստի այնքան էլ ուշադրություն չէի դարձնում։
:   Հագուստ չունենակու և ինձ մի փոքր վատ զգալու պատճառով ես մի քանի օր սենյակում փակված մնացի և այդ ժամանակամիջոցում կարողացա ավելացնել իմ բառապաշարը, և երբ հետագայում ես գնացի արքունիք, արդեն կարողանում էի թագավորի բառերից շատ բան հասկանալ ու քիչ թե շատ պատասխանել։ Նորին մեծությունը հրամայեց, որ կղզին քշեն հյուսիս֊արևելք, դեպի Լագադո, թագավորության մայրաքաղաքը, որ գտնվում էր ներքև, երկրի երեսին, մոտ իննսուն լիգ հեռավորության վրա։ Մեր ճանապարհորդուցյունը տևեց չորս և կես օր։ Ես ամենևին չզգացի կղզու՝ օդի մեջ արած շարժման թափը։ Հետևյալ օրը, առավոտյան, ժամը մոտ տասնմեկին, ինքը թագավորը, իր ազնվականությունը, պալատականներն ու պաշտոնյաները, ամենքը միասին սկսեցին նվագել իրենց երաժշտական գործիքները, ամբողջ երեք ժամ, առանց դադարի, այնպես որ ես այդ աղմուկից կատարելապես խլացա․ ես չկարողացա հասկանալ այդ համերգի իմաստը, մինչև որ իմ դասատուն չբացատրեց ինձ։ Նա ասաց, որ իրենց կղզու ժողովրդի ականջներն օժտված եմ երկնային երաժշտությունը լսելու կարողությամբ, իսկ այդ երաժշտությունը հնչում է որոշ ժամանակներ, ուստի պալատականները պատրաստություն են տեսնում մասնակցելու այդ տիեզերական համերգին այն գործիքներով, ինչի վրա նրանք ավելի լավ են նվագում։
:   Դեպի մայրաքաղաքը՝ Լագադո կատարած ճանապարհորդության ժամանակ նորին մեծությունը հրամայեց, որ կղզին կանգ առնի մի քանի քաղաքների ու գյուղերի վրա՝ իր հպատակներից խնդրագրեր ընդունելու համար։ Այդ նպատակով բաց էին թողնվում դեպի ցած բարակ թոկեր՝ ծայրերին փոքրիկ ծանրություններ կապած։ Այդ թոկերից ժողովուրդը կապում էր իր խնդրագրերը, որոնք վեր էին բարձրանում, ինչպես թղթի կտորները, որոնք աշակերտները կապում են իրենց թռչող առագաստի թելի ծայրին։ Երբեմն մենք ցածից ստանում էինք գինի և ուտելիքներ, որ ճախարակների միջոցով բարձրացնում էին վեր։
:   Մաթեմատիկայի մեջ ունեցած իմ գիտությունը մեծ ծառայություն մատուցեց ինձ ըմբռնելու նրանց ֆրազեոլոգիան, որ ըստ մեծի մասին առնված էր այդ գիտությունից ու երաժշտությունից, քանի որ վերջինիս նկատմամբ էլ անճարակ չէի։ Նրանց գաղափարները շարունակ պտտում են գծերի և ձևերի շուրջը։ Եթե նրանք ցանկանում են, օրինակի համար, գովել մի որևէ կնոջ կամ կենդանու գեղեցկությունը, նրանք նկարագրում են այդ գեղեցկությունը շեղանկյունների, շրջագծերի, զուգահեռագծերի, ձվաձև գծերի և այլ երկրաչափական տերմինների օգնությամբ կամ երաժշտությունից առնված խոսքերով, որոնց կրկնությունն այստեղ անտեղի կլիներ։ Թագավորական խոհանոցն ամբողջապես լեցուն էր մաթեմատիկական և երաժշտական գործիքներով, որոնց ձևերով նրանք կտրատում են նորին մեծության սեղանի համար պատրաստած մսեղենը։
:   Նրանց տները շինված են շատ վատ, պատերը ծուռ են, տների ներսը ոչ մի ուղիղ անկյուն չկա, և ճարտարապետական այդ թերությունը նրանք ընդունում են իբրև արհամարանք դեպի գործնական երկրաչափությունը, որ նրանք համարում են գռեհիկ և արհեստական և որի ցուցմունքները գտնում են անհասկանալի իրենց բանվորների համար, ու մշտական սխալմունքների առիթ տվող։ Թեև նրանք թղթի վրա վարպետորեն բանեցնում են քանոն, մատիտ և կարկին, սակայն առօրյա գործերում և կենսական հարցերում ես չեմ տեսել նրանցից ավելի անշնորհք, անճարակ և ապիկար մարդիկ, այնքա՜ն ծանծաղամիտ՝ ըմբռնելու բոլոր այն իրերը, որոնք առնչություն չունեն մաթեմատիկայի և երաժշտության հետ։ Նրանց դատողությունը շատ թերի է, բայց սիրում են ուժեղ հակաճառել, միայն ոչ այն դեպքերում, երբ նրանք արդարացի են, ինչ որ հազիվ է պատահում։ Մտահղացությունը, երևակայությունն ու հնարագիտությունը միանգամայն օտարոտի բաներ են նրանց համար, և այդ գաղափարներն արտահայտելու համար նրանց լեզվով համապատասխան բառեր գոյություն չունեն․ նրանց խելքն ու միտքը պարփակված են միայն այդ երկու գիտությունների շրջանակներում։
:   Նրանցից շատերը, և մանավանդ նրանք, որոնք աստղաբախշական մասնագիտություն ունեն, մեծ հավատ են ընծայում աստղաբաշխության, թեև ամաչում են հրապարակով խոստովանել։ Սակայն ինձ շատ զարմացրեց մի նկատելի հանգամանք, որ մնաց ինձ համար անբացատրելի․ այդ այն է, որ նրանք մեծ հակումն ունեն դեպի քաղաքական նորությունները, միշտ հետաքրքրվում են հասարակական գործերով, դատողություններ են անում պետական հարցերի մասին և կրքոտ կերպով պաշտպանում իրենց տեսակետը։ Սակայն նույն հակումը ես նկատել եմ Եվրոպայում ինձ ծանոթ մաթեմատիկոսներից շատերի մոտ, թեև ես ամենևին չիմացա, թե ինչ կապ կա մաթեմատիկայի և քաղաքականության մեջ․ գուցե այդ մարդիկ ելնելով նրանից, որ փոքրագույն շրջանակը նույնքան աստիճանաչափ ունի, որքան և մեծագույն շրջանակը, տրամադիր են կարծելու, որ աշխարհը կառավարելու և կարգի բերելու համար ավելի կարողություն չի պահանջվում, քան մի որևէ աշխարհագունդ գործածելու և պտտեցնելու համար։ Բայց իմ կարծիքով այդ հակումն ավելի շատ կապ ունի մարդկային այն համատարած թուլության հետ, որ դրդում է մեզ ավելի շատ հետաքրքրվելու և զբաղվելու այնպիսի գործերով, որոնք ամենից քիչ առնչություն ունեն մեզ հետ և որոնց հասկանալու համար թե՛ ուսումը և թե՛ բնությունն օժտել են մեզ նվազագույն կարողությամբ։
:   Այդ ժողովուրդը գտնվում է մշտական տագնապի մեջ, և հոգեկան խաղաղությունը նրանց ամենևին հրճվանք չի պատճառում․ իսկ նրանց հոգեկան խռովությունը բխում է այնպիսի պատճառներից, որոնք մնացած մահկանացուների վրա ոչ մի ազդեցություն չեն գործում։ Նրանց վրա սարսափ են ազդում այն մի շարք փոփոխությունները, որոնք, նրանց կարծիքով, տեղի են ունենում երկնային մարմինների մեջ։ Օրինակի համար, նրանք երկյուղ են կրում, որ երկիրը շարունակաբար մոտենալով արևին, մի օր պիտի ոչնչանա և կուլ գնա վերջինին։ Որ արևի երեսը կամաց֊կամաց պիտի ծածկվի իր սեփական վիժումներից ու աշխարհը պիտի մնա առանց լույսի։ Որ երկիրը հազիվ ազատվեց վերջին գիսավորի պոչի հարվածից, որ, անկասկած, նրան մոխիր պիտի դարձներ, և հետևյալ գիսավորը, որ իրենց հաշվով պիտի երևա երեսուն մեկ տարի հետո, հավանաբար պիտի ոչնչացնի մեզ, որովհետև նա իր արևամերձ կետում եթե մի փոքր ավելի մոտենա արևին (որի համար, նրանց հաշվով, պատճառ կա երկյուղ կրելու), այն ժամանակ նա արևից կստանա տասը հազար անգամ ավելի տաքություն, քան ունի հալած կաս֊կարմիր երկաթը․ հեռանալով արևից՝ այդ գիսավորն իրեն հետ պիտի տանի տասը հազար տասնչորս մղոն երկարությամբ մի բոցավառ պոչ․ և եթե պատահմամբ երկիրն անցնի այդ պոչի միջով, գիսավորի միջուկից կամ նրա գլխավոր մարմնից հարյուր հազար մղոն հեռավորության վրա, այն ժամանակ երկիրը պիտի բոցավառվի ու մոխիր դառնա։ Եվ, վերջապես, արևն ամեն օր վատնելով իր ճառագայթները և փոխարենը չստանալով ոչ մի սնունդ, վերջ ի վերջո պիտի սպառվի ու բնաջնջվի, որից հետո պիտի կործանվեն թե՛ երկիրը և թե այն բոլոր մոլորակները, որոնք իրենց լույսը ստանում են արևից։
:   Այդ և նման վերահաս ահեղ վտանգների պատճառով նրանք գտնվում են մի այնպիսի տագնապի մեջ, որ ոչ հանգիստ քնել են կարողանում իրենց անկողիններում և ոչ էլ կյանքի զվարճություններից ու սովորական հաճույքներից վայելք են ստանում։ Առավոտները, երբ նրանք հանդիպում են իրենց ծանոթներին, նախ և առաջ հարցնում են արևի առողջությունը, թե ինչպես է նրա տեսքը մայր մտնելու ու ծագելու ժամանակ, և արդյոք հույս կա՞, որ նրանք պիտի խուսափեն մոտեցող մոլորակի հետ բախում ունենալուց։ Այդ խոսակցություններով նրանք զբաղվում են նույն հրապույրով, ինչ որ նկատվում է երեխաների մոտ, երբ նրանք լսում են սոսկալի պատմություններ չար ոգիների և ճիվաղների մասին և ագահությամբ ականջ դնելուց հետո չեն համարձակվում քնելու գնալ։
:   Այդ կղզու կանայք ավելի կենսուրախ են․ նրանք արհամարում են իրենց ամուսիններին և չափազանց սիրում օտարականներին, որոնք ահագին թվով գալիս են ցամաքից կա՛մ ներկայանալու արքունիք, կա՛մ զանազան քաղաքների և համայնքների գործով և կամ իրենց անձնական հանգամանքով։ Բայց տեղացիները արհամարհանքով են նայում նրանց, որովհետև նրանք զուրկ են մտահայեցողական ընդունակություններից։ Նրանցից էլ այդ տիկիններն իրենց համար սիրահարներ են ջոկում․ միայն անհաճելին այն է, որ նրանք այդ բանն անում են մեծ դյուրությամբ ու բացարձակ կերպով, որովհետև ամուսինը միշտ այնքա՜ն է հափշտակված իր մտահայեցողությամբ, որ նրա աչքի առաջ սիրուհին ու նրա սիրեկանը կարող են ամբողջովին ցուցադրել միմյանց հանդեպ ունեցած իրենց մտերմությունը, միայն թե ամուսինն իր ձեռքի տակ ունենա թուղթ և մաթեմատիկական գործիքներ, իսկ իր հարվածողը բացակա լինի։
:   Կանայք ու աղջիկները կղզու վրա ունեցած իրենց փակ կյանքից շատ դժգոհ են․ թեև իմ կարծիքով այդ կղզին ամենահաճելի տեղն է աշխարհի երեսին, և չնայած նրան, որ նրանք այդտեղ լիառատ ու հոյակապ կյանք են վարում և անում են այն ամենը, ինչ ուզում են, այնուամենայնիվ նրանք ձգտում են տեսնելու ցամաքն ու վայելելու մայրաքաղաքի զվարճությունները, մի բան, որ առանց թագավորի մասնավոր թույլտվության իրավունք չունեն անելու․ իսկ այդ թույլտվությունն այնքան էլ հեշտ չէ ստանալ, որովհետև բարձրադիր մարդիկ հաճախակի փորձերից շատ լավ գիտեն, թե որքա՜ն դժվար է ստիպել իրենց կանանց, որ ներքևից վերադառնան կղզին։ Ինձ պատմեցին մի նշանավոր պալատական տիկնոջ մասին, որ ունեցել է մի քանի երեխա, եղել է առաջին մինիստրի և թագավորության ամենահարուստ, արտաքինից շատ դուրեկան, իրեն էլ քնքուշ սիրող մարդու կինը, ապրել է կղզու ամենահոյակապ պալատում, և որը մի անգամ գնացել է Լագադո բժշկվելու ու մի քանի ամիս անհայտացել է, մինչև որ թագավորը հրաման է արձակել որոնելու նրան, և ահա այդ երևելի տիկնոջը գտնում են մի աննշան պանդոկում, ցնցոտիներով պատած, իր հագուստները գրավ դրած՝ պահելու համար մի ծեր և այլանդակ սպասավորի, որ ամեն օր ծեծել է նրան և որից նրան բաժանել են հակառակ իր կամքի։ Եվ չնայած, որ ամուսինն ընդունել է նրան ամենայն սիրով և առանց որևէ հանդիմանության, այդ տիկինն այնուամենայնիվ դրանից հետո անմիջապես գաղտագողի կերպով մի կերպ փախել է դեպի ցած, իր սիրեկանի մոտ, հետն առնելով իր բոլոր թանկարժեք իրերը, և այդ օրվանից նրանցից ոչ մի լուր չկա։
:   Այս ամենը թերևս ընթերցողը համարի ավելի շատ իբրև մի եվրոպական կամ անգլիական առասպել, քան մի իսկական պատմություն, առնված մի այդքա՜ն հեռավոր երկրի կյանքից։ Սակայն նա թող բարեհաճի ընդունել, որ կանանց քմահաճույքը չի սահմանափակվում ոչ կլիմայով և ոչ էլ ազգությամբ, որ այդ քմահաճույն ավելի միօրինակ է, քան թվում է առհասարակ։
:   Մոտ մի ամսվա ընթացքում ես նրանց լեզվի մեջ բավական առաջադիմություն արի, և երբ բախտ էի ունենում ներկայանալու թագավորին, կարողանում էի նրա հարցերից շատերի պատասխանը տալ։ Իմ այցելած երկրների օրենքները, վարչական ձևը, պատմությունը, կրոնը և տեղական սովորություններն ամենևին հետաքրքրություն չառաջացրին նորին մեծության մեջ․ նա միայն հարցուփորձ արեց մաթեմատիկայի կացության մասին և լսեց իմ տված տեղեկությունները շատ անուշադիր և անտարբեր, չնայած որ նրա երկու կողքին կանգնած հարվածողներն անդադար լարում էին նրա ուշադրությունը։
 
==Գլուխ երրորդ==
:   Մի սքանչելի երևույթ, որ արդյունք է ժամանակակից փիլիսոփայության և աստղաբաշխության։ Լապուտացիների խոշոր առաջադիմություններն աստղաբաշխության մեջ։ Թե ինչպես է թագավորը ապստամբությունները ճնշում։
 
:   Թագավորից ես թույլտվություն խնդրեցի նայելու կղզու տեսարժան վայրերը, որի համար նա բարեհաճեց տալ իր հավանությունը՝ հրամայելով, որ իմ դասատուն առաջնորդի ինձ։ Գլխավորապես ես ուզում էի իմանալ, թե կղզին իր զանազան շարժումներով ի՞նչ արհեստական կամ բնական պատճառի է պարտական։ Այդ առիթով ես այժմ ուզում եմ ընթերցողին տալ մի փիլիսոփայական բացատրություն։
:   Թռչող կամ թե լողացող կղզին իսկական շրջանի ձև ունի՝ նրա տրամագիծը 7837 յարդ է, կամ մոտ չորս և կես մղոն, որ, հետևապես, անում է տասը հազար ակր։ Նրա հաստությունը երեք հարյուր յարդ է։ Նրա հատակը, կամ ստորին մակարդակը, որ տեսանելի է միայն ներքևի կանգնած մարդկանց, ադամանդի մի ողորկ տախտակ է, որ խոյանում է դեպի վեր երկու հարյուր յարդ բարձրությամբ։ Նրա վրա դարսված են զանազան հանքային քարեր իրենց սովորական կարգով, որոնց վրա՝ պարարտ հողի մի շերտ տասը թե տասներկու ոտնաչափ խորությամբ։ Շրջագծերից դեպի կենտրոնն իջնող նրա արտաքին մակերևույթի թեքության պատճառով կղզու վրա տեղացող ցողն ու անձրևը, վերածվելով փոքրիկ առվակների, հոսում են դեպի կենտրոնը, թափվում չորս ընդարձակ ավազանի մեջ, որոնցից ամեն մեկը մոտ կես մղոն շրջագիծ ունի և կղզու կենտրոնից՝ մոտ երկու հարյուր յարդ հեռավորություն։ Արևի ճառագայթներից այդ ավազանների ջուրն անընդհատ շոգիանում է, որի պատճառով և ավազանները չեն լցվում։ Բացի այդ արքան հնարավորություն ունի բարձրացնելու կղզին ամպերի և շոգիների սահմաններից ավելի վեր, որով և նա կարող է խափանել ցողերի և անձրևների տեղալը, եթե միայն նա ցանկանա։ Չէ՞ որ ամենաբարձր ամպերը երկու մղոնից ավելի չեն բարձրանում, ինչպես հավատացնում են բնագետները, և վերջապես այդ երկրում նման դեպքեր բոլորովին անծանոթ են։
:   Կղզու կենտրոնում կա մոտ հիսուն յարդ տրամագծով մի վիհ, որով աստղաբաշխներն իջնում են մի ընդաձակ գմբեթաձև քարայր, որ և այդ պատճառով կոչվում է՝ Ֆլանդոնա Գագնոլե, կամ աստղաբաշխական քարայր, որ ադամանդի մակերեցից հարյուր յարդ խորն է։ Այդ քարայրում միշտ վառվում են քսան ճրագ, որ, արտացոլվելով ադամանդից, պայծառ լույս են արձակում չորս կողմը։ Այդտեղ դիզված են բազմատեսակ վեցորդակներ, քառորդակներ, հեռադիտակներ, աստղադիտակներ և այլ աստղաբաշխական գործիքներ։ Սակայն ամենահետաքրքրական բանը, որից կախված է կղզու բախտը, դա հսկայական մագնիսաքարն է, որ իր ձևով նման է ջուլհակի մաքոքի։ Նրա երկարությունը վեց յարդ է, իսկ ամենահաստ մասի լայնությունը՝ երեք յարդից ավելի։ Այդ մագնիսը հագցված է մի հաստատուն ադամանդե առանցքի, որն անցնում է ամբողջ շերտի միջով և որի շուրջը դառնում է նա այնպիսի զուգակշռով, որ ձեռքի մի թեթև հպում բավական է, որպեսզի քարը պտտվի։ Նա չորս կողմից պատած է ադամանդե պարապ գլանակով, որ չորս ոտնաչափ խորություն ունի, չորս ոտնաչափ լայնություն և տասներկու յարդ տրամագիծ․ նա հորիզոնական ուղղությամբ տեղավորված է ադամանդյա ութ նեցուկների վրա, որոնցից ամեն մեկը վեց յարդ բարձրություն ունի։ Նրա գոգավոր մասի մեջտեղը կա տասներկու մատնաչափ խորությամբ երկու բույն, որոնց մեջ դրված են առանցքի ծայրերը և պտտվում են, երբ հարկավոր է։
:   Ոչ մի ուժ չի կարող տեղից շարժել այդ մագնիսաքարը, որովհետև գլանակն ու նրա նեցուկները կազմում են մի ամբողջություն ադամանդի շերտի հետ, որ կազմում է կղզու հատակը։
:   Այդ մագնիսաքարի օգնությամբ կղզին կարող է բարձրանալ, իջնել և շարժվել մի տեղից մյուսը։ Որովհետև երկրի այն մասի նկատմամբ, որի վրա տարածվում է արքայի իշխանությունը, մագնիսաքարի մի ծայրն ունի ձգողական ուժ, իսկ մյուս ծայրը՝ վանող։ Երբ մագնիսը դրված է ուղղահայաց և իր ձգող ծայրով դեպի ցած, այն ժամանակ կղզին իջնում է, իսկ երբ վանող ծայրն է դարձրած դեպի ցած, կղզին ուղղակի բարձրանում է դեպի վեր։ Երբ մագնիսաքարը դրված է թեք կերպով, այն ժամանակ կղզու շարժումն էլ թեք է, որովհետև այդ մագնիսաքարի ուժերը միշտ գործում են այն գծերով, որ զուգահեռ են նրա ուղղությանը։
:   Այդ շեղ շարժումների շնորհիվ կղզին տեղափոխվում է արքայի տիրապետության մի մասից մյուսը։ Կղզու առաջխաղացումների ձևը բացատրելու համար, ենթադրենք, թե AB այն գիծն է, որ անցնում է Բալնիբարբիի տերության միջով․ CD֊ն մագնիսաքարն է, որի D մասը ձգող ծայրն է, իսկ C մասը՝ վանող ծայրը․ կղզին էլ գտնվում է C կետի վրա։ Ասենք թե մագնիսաքարը գտնվում է CD դիրքում՝ իր վանող ծայրը դեպի ցած․ այն ժամանակ կղզին թեք ուղղությամբ պիտի շարժվի դեպի D կետը։ Երբ կղզին հասավ D կետին, եթե մագնիսաքարը պտտվի իր առանցքի շուրջը՝ մինչև որ նրա ձգող ծայրը դառնա դեպի E կետը, այն ժամանակ կղզին էլ թեք կերպով պիտի շարժվի դեպի Е կետը։ Եթե այդտեղ մագնիսաքարը կրկին պտտեցնենք իր առանցքի շուրջն այնքան, որ նա բռնի EF գծի ուղղությունը, իր վանող ծայրով դեպի ցած՝ կղզին թեք ուղղությամբ պիտի բարձրանա դեպի F, ուր ձգող ծայրը դարձնելով դեպի G, իսկ G֊ից դեպի H, եթե քարը շրջենք այնպես, որ նրա վանող ծայրը դարձրաց լինի ուղիղ դեպի ցած։ Եվ այդպես փոփոխելով քարի դիրքն այնքան անգամ, որքան հարկավոր է, կղզին կարելի է բարձրացնել և իջեցնել թեք ուղղություններով և այդ փոխեփոխ վայրէջքների շնորհիվ (աննշան թեքումներով) կղզին տեղափոխել տերության մի մասից մյուսը։
:   Սակայն պետք է նկատել, որ այդ կղզին անկարող է շարժվել իր տերության սահմաններից դուրս և ոչ էլ կարող է չորս մղոնից ավելի վեր բարձրանալ։ Այդ հանգամանքն աստղագետները (որոնք մագնիսաքարի մասին գրել են ընդաձակ շարադրություններ) հետևյալ կերպ են բացատրում․ մագնիսի ուժը չորս մղոն հեռավորությունից ավելի չի տարածվում, բացի այդ, երկրի ընդերքում և ծովի տակ գտնվող և մագնիսաքարի վրա ներազդող հանքերը, ափից վեց լիգ հեռավորության վրա գտնվում են ոչ թե ամբողջ երկրագնդում, այլ միայն արքայի տիրապետության սահմաններում, և վերջապես այդպիսի նպաստավոր կացության ընձեռած առավելությունների շնորհիվ մի թագավորի համար շատ հեշտ պիտի լիներ հնազանդեցնել այն բոլոր երկրները, որոնք ընկած են այդ մագնիսի ներգործության սահմաններում։
:   Երբ մագնիսաքարը դրված է լինում հորիզոնական ուղղությամբ, այն ժամանակ կղզին կանգ է առնում իր տեղը։ Եվ իսկապես, այդ դեպքում մագնիսաքարի ծայրերը գտնվելով միևնույն հեռավորության վրա երկրի մակերեսից և ունենալով միևնույն ուժը՝ մի մասով կղզին ձգում են դեպի ցած, մյուսով՝ հրում դեպի վեր, ուստի և ոչ մի շարժում չի առաջանում։
:   Մագնիսաքարը հանձնված է որոշ աստղագետների հսկողության, որոնք ժամանակ առ ժամանակ նրան տալիս են այն դիրքը, որ հրամայում է արքան։ Նրանք իրենց կյանքի մեծագույն մասը նվիրում են երկնային մարմինների հետազոտությանը․ այդ հետազոտությունը նրանք կատարում են հեռադիտակներով, որ ավելի կատարելագործված են, քան մեր հեռադիտակները։ Եվ չնայած որ նրանց խոշորագույն հեռադիտակները երեք ոտնաչափից ավելի մեծ չեն, սակայն նրանց խոշորացնելու կարողությունն ավելի զորավոր է, քան մեր հարյուր յարդանոց հեռադիտակինը և, միևնույն ժամանակ, նրանք աստղերը ցույց են տալիս ավելի մեծ պարզությամբ։ Այդ առավելությունը հնարավորություն է տվել նրանց ընդարձակելու իրենց հայտնագործումները շատ ավելի, քան այդ արել են մեր աստղագետները Եվրոպայում։ Օրինակի համար, նրանք կազմել են տասը հազար անշարժ աստղերի ցանկ, մինչդեռ մեր ամենաընդարձակ ցանկը չի պարունակում այդ թվի երրորդ մասն անգամ։ Բացի այդ՝ նրանք գտել են երկու նվազագույն աստղեր կամ արբանյակներ, որոնք դառնում են Մարսի շուրջը, որոնցից ամենամոտիկը գտնվում է այդ մոլորակի կենտրոնից մի այնպիսի հեռավորության վրա, որի տարածությունը հավասար է նրա երեք տրամագծին, իսկ ամենահեռավորի տարածությունը, հինգ տրամագծի։ Դրանցից առաջինը շրջադարձ է անում տասը ժամում, իսկ վերջինը՝ քսանմեկ և կես ժամում, այնպես որ նրանց շրջադարձի ժամանակի քառակուսին համարյա թե նույն հարաբերությունն ունի, ինչ որ նրանց Մարսի կենտրոնից ունեցած հեռավորության խորանարդը, մի հանգամանք, որ ակնհայտորեն ցույց է տալիս, թե այդ մոլորակները ենթակա են ձգողության նույն օրենքներին, ինչ որ երկնային մյուս մարմինները։
:   Նրանք դիտել են իննսուներեք տարբեր տեսակի մոլորակներ և ամենայն ճշտությամբ որոշել նրանց շրջադարձերը։ Եթե այդ ճիշտ է (իսկ նրանք հաստատում են այդ մեծ ինքնավստահությամբ), ապա շատ ցանկալի պիտի լիներ, որ նրանց դիտողությունները հրապարակ հանվեին, որով մոլորակների տեսությունը նույն կատարելությանը կհասներ, ինչ որ աստղաբաշխության մյուս մասերը։
:   Թագավորը տիեզերքի ամենամիահեծան արքան կլիներ, եթե կարողանար համոզել իր մինիստրներին համակարծիք լինել իր հետ։ Սակայն վերջինները ցամաքի վրա լինելով խոշոր սեփականատերեր, ինչպես և այն, որ հոմանիների դիրքը վերին աստիճանի անկայուն է, երբեք չեն համաձայնում, որ իրենց երկիրն ստրկության մատնվի։
:   Երբ մի որևէ քաղաք խռովություն կամ ապստամբություն է բարձրացնում, կամ բռնկվում են այնտեղ խառնակություններ և կամ հրաժարվում է իր սովորական տուրքը վճարելուց, թագավորը նրան հնազանդեցնելու համար երկու միջոց ունի։ Առաջին և ամենամեղմ միջոցն այն է, որ նա կղզին կանգնեցնում է այդպիսի քաղաքի և շրջակա հողամասերի վրա, որով զրկում է նրանց արևի և անձրևի բարերար ազդեցությունից և, հետևապես, ազգաբնակությանը մատնում է սովի ու հիվանդության։ Եվ նայած հանցագործության չափին, նրանք միևնույն ժամանակ վերևից ենթարկվում են քարկոծության․ թափվող խոշոր քարերից պաշտպանվելու համար նրանք թաքնվում են մառանների և նկուղների մեջ, թողնելով, որ իրենց տների կտուրները քարուքանդ լինեն։ Իսկ երբ նրանք շարունակում են իրենց համառությունը կամ փորձում են ուժեղացնել ապսամբությունը, այն ժամանակ թագավորը դիմում է վերջին միջոցին՝ նա թույլատրում է, որ կղզին ընկնի ուղիղ նրանց գլխին, որով նա կործանում է թե՛ տները և թե՛ մարդկանց։ Սակայն թագավորն այդ ծայրագույն միջոցին հազվագյուտ դեպքերում է դիմում և մեծ վարանումներից հետո, քանի որ մինիստրներն էլ չեն համարձակվում այդ խորհուրդը տալ, որովհետև դա մի կողմից ժողովրդի մեջ ատելություն է առաջացնում, իսկ մյուս կողմից կարող է մեծ վնաս հասցնել իրենց սեփական կալվածքներին, որոնք գտնվում են ցամաքի վրա, մինչդեռ կղզին թագավորի սեփականությունն է։
:   Բացի այդ կա մի կարևոր պատճառ, թե այդ երկրի թագավորներն ինչու՞ են խորշում այդ տեսակ սոսկալի արարքից, ի բաց առյալ այն ծայրահեղ դեպքերը, երբ հարկը պահանջում է․ որովհետև, եթե կործանումի դատապարտված քաղաքի մեջ կան բարձրաբերձ ապառաժներ, ինչպես սովորաբար պատահում են խոշոր քաղաքներում, մի հանգամանք, որ թերևս օգտագործվում է նման կատաստրոֆաներից խույս տալու համար, կամ եթե քաղաքում կան բարձր զանգակատներ, այն ժամանակ կղզու հանկարծակի անկումը կարող է վնասել նրա հատակը կամ ստորին մակերեսը, որը թեև շինված է ինչպես ես ասի, երկու հարյուր յարդ հաստության ձույլ ադամանդից, բայց կարող է պատահել, որ նա ուժեղ հարվածից կոտրվի կամ ցածր տների կրակներին մոտենալուց ճաքի, ինչպես օրինակ կրակարանի վրա դրած երկաթե կամ քարե կափարիչը։ Այդ ամենը ժողովուրդը շատ լավ գիտե և հասկանում է, թե ինչքան կարող է տևել իր դիմադրությունը, մանավանդ, երբ հարցն իր ազատության և գույքին է վերաբերում։ Եվ, թագավորը, երբ ծայր աստիճանի զայրացած է լինում կամ հաստատուն որոշման հանգած, քաղաքը փոշիացնել, հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն, ոչ թե նրա համար, որ խճում է իր ժողովրդին, այլ որովհետև վախենում է, թե միգուցե կղզու ադամանդե հատակը կոտրվի, քանի որ այդ դեպքում, նրանց փիլիսոփաների ընդհանուր կարծիքով, մագնիսաքարն այլևս չի կարող կղզին պահել օդում և, ամբողջ զանգվածը կփլվի ներքև։
:   Լապուտացիների մոտ իմ գալուց մոտ երեք տարի առաջ, երբ թագավորը ճանապարհորդուցյուն է կատարել իր տիրապետության վրա, տեղի է ունեցել մի արտակարգ դեպք, որ կարող էր ճակատագրական լինել այդ թագավորության համար, մանավանդ նրա ներկա շրջանի համար։ Թագավորության երկրորդ քաղաքը՝ Լինդալինոն առաջինն էր, որ արժանացավ նորին մեծության այցելությանը՝ իր ճանապարհորդուցյան ժամանակ։ Նրա մեկնելուց երեք օր անց ազգաբնակությունը, որ հաճախ գանգատվել էր անսահման հարստահարություններից, փակել է քաղաքի դարպասները, ձերբակալել նահանգապետին և անհավատալի արագությամբ ու ջանքով կառուցել չորս հատ խոշոր աշտարակ քաղաքի չորս անկյուններում (քաղաքը քառակուսու ուղիղ ձև է ունեցել, և նույն մեծությամբ, ինչպես և քաղաքի կենտրոնում բարրձրացող սրածայր ժայռն է։ Ամեն մի աշտարակի, ինչպես և աշտարակի ծայրին նրանք ամրացրել են մի֊մի խոշոր մագնիսաքար, իսկ իրենց մտադրությունը չհաջողվելու դեպքում նրանք նախօրոք պատրաստել են մեծ քանակությամբ հրաբորբոք վառելանյութ, նրանով կղզու ադամանդե հատակը պայթեցնելու նպատակով, եթե բան է՝ մագնիսաքարի ծրագիրն ի դերև ելնի։
:   Ութ ամիս անցնելուց հետո թագավորը լուր է ստանում, որ լինդանիլացիներն ապստամբել են։ Նա հրամայում է, որ կղզին քշեն դեպի քաղաքը։ Միահամուռ ժողովուրդը ուտելիքի ահագին պաշար է տեսել։ Քաղաքի միջով անցնելիս է եղել մի գետ։ Թագավորը մի քանի օր սավառնում է քաղաքի գլխին, զրկելով նրանց արևից ու անձրևից։ Նա հրամայում է կղզուց բազմաթիվ թոկեր իջեցնել, բայց ոչ ոք չի մտածում աղերսագիր ուղարկելու, այլ ընդհակառակը, դրա փոխարեն վեր են բարձրանում հանդուգն պահանջներ՝ վերջ տալ իրենց տառապանքներին, վերադարձնել արտոնությունները և իրենց համար նահանգապետ ընտրելու իրավունքը և նման առտառոց բաներ։ Դրան ի պատասխան նորին մեծությունը հրամայում է կղզու ամբողջ ազգաբնակությանը, որ ստորին պատշգամբից քաղաքի վրա քարեր նետեն։ Բայց այդ դժբախտությունից խույս տալու համար, քաղաքացիները, առնելով իրենց գույքը, մտնում են չորս աշտարակները և թաքնվում այլ և այլ ամուր շինությունների ու ստորերկրյա մառանների մեջ։
:   Այն ժամանակ թագավորը որոշում է ընկճել այդ հպարտ ժողովրդին և հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն դեպի աշտարակներն ու ժայռը մինչև չորս յարդ։ Թագավորի հրամանը կատարում են։ Սակայն այդ գործի վրա կարգած պաշտոնյաները տեսնում են, որ կղզու անկումը սովորականից ավելի արագ է կատարվում և մագնիսաքարը շուռ տալուց հետո միայն, մեծ դժվարությամբ, կարողանում են կղզին պահել անշարժ դրությամբ և, չնայած դրան, գտնում են, որ կղզին հակվում է դեպի ցած։ Նրանք անմիջապես տեղեկություն են տալիս թագավորին այդ զարմանալի երևույթի մասին և խնդրում, որ նորին մեծությունը թույլ տա բարձրացնել կղզին։ Թագավորը տալիս է իր համաձայնությունը և հրավիրում գերագույն խորհուրդ, հրամայելով, որ մագնիսաքարի պաշտոնյաները ներկա լինեն։ Ավագագույն և փորձված պաշտոնյաներից մեկը թույլտվություն է խնդրում մի փորձ կատարելու։ Նա վերցնում է հարյուր յարդ երկարությամբ թոկ, և երբ կղզին բարձրանում է քաղաքից այնքան, որ սպառվում է ներքևի ձգողական ուժի ներգործությունը, կապում է թոկի ծայրին ադամանդի մի կտոր, որի մեջ պարունակում է երկաթահանքի մի խառնուրդ, նման այն զանգվածին, որից շինված է կղզու հատակի ստորին մակերեսը, և այդ թոկը ստորին պատշգամբից հանդարտ կերպով իջեցնում է դեպի քաղաքի աշտարակների կատարը։ Դեռևս չորս յարդի վրա պաշտոնյան նկատում է, որ ադամանդը մի այնպիսի ուժով է ուզում ցած ընկնել, որ նրան հազիվ է հաջողվում հետ քաշել։ Այնուհետև նա նետում է ցած ադամանդի մի քանի փոքրիկ կտորներ և նկատում, որ աշտարակի կատարներն այդ կտորներն ուժգին կերպով ձգում են իրենց։ Նույն փորձը նա կատարում է մյուս երեք աշտարակների և ժայռի նկատմամբ և հետևանքը միևնույնն է լինում։
:   Այդ դեպքը խախտում է թագավորի ծրագիրը (մանրամասնությունների վրա կանգ չպիտի առնեմ) և նա ստիպված է լինում ձեռք վերցնել այդ քաղաքից։
:   Մի նշանավոր մինիստր հավատացրեց ինձ, որ եթե կղզին այնքան իջներ, որ այլևս չկարողանար վեր բարձրանալ, այն ժամանակ քաղաքացիները վերջնականապես կկանգնեցնեին նրան, կսպանեին թագավորին և իր բոլոր ծառաներին և միանգամայն կփոխեին կառավարման ձևը։
:   Այդ իշխանության հիմնական օրենքով ոչ թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․ նույն իրավունքից զրկված է նաև թագուհին մինչև իր ծննդաբերության ընդունակությունից զրկվելը։
 
==Գլուխ չորրորդ==
:   Հեղինակը հեռանում է Լապուտիայից։ Նրան փոխադրում են Բալնիբարբի։ Նա գալիս է մայրաքաղաքը։ Մայրաքաղաքի և արվարձանների նկարագրությունը։ Մի մեծ լորդ հյուրընկալում է հեղինակին։ Նրա զրույցներն այդ լորդի հետ։
 
:   Թեև չեմ կարող ասել, թե ինձ վատ ընդունեցին այդ կղզու վրա, սակայն պիտի խոստովանեմ, որ ինձ այդտեղ բանի տեղ չդրին և մինչև անգամ որոշ չափով արհամարհական վերաբերմունք ցուց տվին դեպի ինձ։ Ո՛չ արքան և ո՛չ էլ ժողովուրդը ոչ մի բանով չհետաքրքրվեցին, բացի մաթեմատիկայից ու երաժշտությունից, որոնց մեջ ես շատ տկար էի և այդ պատճառով էլ նրանց կողմից անուշադիր մնացի։ Մյուս կողմից այդ կղզու հետաքրքրության արժանի բոլոր բաները տեսնելուց հետո մեծ ցանկություն ունեի հեռանալու այդտեղից, մանավանդ, որ վերին աստիճանի ձանձրացել էի այդ ժողովրդից։ Նրանք իսկապես շատ կատարելագործված են այդ երկու գիտությունների մեջ, որոնց նկատմամբ ես մեծ համարում ունեմ և որոշ չափով էլ տեղեկություն․ սակայն միևնույն ժամանակ նրանք այնքան վերամբարձ են և այն աստիճանի խորասուզված մտահայեցողության մեջ, որ ես երբեք դրանց պես անհաճո խոսակիցներ չեմ ունեցել։ Երկու ամսվա ընթացքում, որ անց կացրի այդտեղ, ես միայն խոսում էի կանանց, վաճառականների, հարվածողների և պալատական մանկլավիկների հետ, և այդ պատճառով էլ ամենքը դեպի ինձ արհամարհանքով էին վերաբերվում, թեև վերը հիշածս անձինք միակ մարդիկն էին, որոնցից ես կարողանում էի ստանալ խելացի պատասխաններ։
:   Շնորհիվ իմ ջանասեր աշխատանքի ես բավականաչափ ուսումնասիրեցի նրանց լեզուն․ փակված այդ կղզու վրա ես տաղտուկ էի զգում, ուստի որոշեցի առանձին պատեհ դեպքում հեռանալ այդտեղից, որտեղ ինձ այդքան քիչ ուշադրություն էին նվիրում։
:   Այդտեղ կար մի պալատական լորդ, որ թագավորի մոտիկ ազգականն էր, և միայն այդ հանգամանքով էլ հարգանք էր վայելում։ Ամենքը նրան համարում էին իբրև ծայր աստիճանի տգետ և հիմար մարդ։ Նա պետությանը բազմաթիվ անգնահատելի ծառայություններ էր մատուցել, ուներ բնական և ձեռք բերված խոշոր ձիրքեր և աչքի էր ընկնում իր ուղղամտությամբ ու պատվասիրությամբ, սակայն ականջն այնքան թույլ էր դեպի երաժշտությունը, որ նրա չարախոսների ասելով հաճախ նա չափը տեղը չեր տալիս․ նրա դասատուներն էլ մեծ դժվարությամբ են սովորեցրել նրան ապացուցելու ամենահասարակ մաթեմատիկական թեորեմները։ Այդ լորդը բարեհաճում էր շատ անգամ ցույց տալ ինձ իր շնորհը, հաճախ պատվում էր ինձ իր այցելությամբ, ցանկանալով իրազեկ լինել եվրոպական կյանքին և իմ ճանապարհորդած զանազան երկրների օրենքներին, սովորություններին, բարքերին ու գիտությանը։ Նա լսում էր ինձ մեծ ուշադրությամբ և իմ ասածների մասին շատ խելացի դիտողություններ էր անում։ Ըստ օրինի նրա կողքին լինում էին երկու հարվածող, բայց երբեք նրանց ծառայությունից չէր օգտվում, ի բաց առյալ այն դեպքերը, երբ նա պալատումն էր, կամ երբ տեղի էին ունենում այցելություններ և ծիսակատարություններ, իսկ երբ մենք մնում էինք մենակ, միշտ հրամայում էր նրանց հեռանալ։
:   Ես խնդրեցի այդ պատվարժան մարդուն՝ բարեխոսելու նորին մեծության առաջ, որ նա ինձ բաց թողնի կղզուց։ Նա կատարեց իմ խնդիրը, ինչպես բարեհաճեց ինձ ասել՝ մեծ ափսոսանքով, որովհետև, իսկապես, բազմաթիվ նպաստավոր առաջարկություններ արեց, որոնցից ես խորին երախտագիտությամբ հրաժարվեցի։
:   Փետրվարի 16֊ին ես հրաժեշտ տվի նորին մեծությանը և իր արքունիքին։ Թագավորն ինձ մի պարգև տվեց, որ մոտ երկու հարյուր անգլիական ֆունտ արժեր․ պակաս նվերներ չստացա և նրա ազգականի և իմ հովանավորի կողմից, որը միևնույն ժամանակ ինձ տվեց մի հանձնարարական իր մի բարեկամի անունով, որ ապրում էր մայրաքաղաքում՝ Լագադոյում։ Ես որոշ չափով ինձ բավարարված զգացի, երբ ոտս դրի հաստատուն գետնին։ Ես քաղաք գնացի առանց որևէ դժվարության, քանի որ հագնված էի բնիկների նման և բավական վարժ էի տեղական լեզվով նրանց հետ խոսելու։ Շուտով ես գտա այն երևելի մարդու տունը, որի անունով հանձնարարական ունեի, ներկայացրի նրան կղզու նրա ազնիվ բարեկամի նամակը և սիրալիր ընդունելություն գտա նրա կողմից։ Այդ նշանավոր լորդը, որի անունն էր՝ Մյունոդի, հրամայեց, որ իր տանը մի սենյակ պատրաստեն, ուր ես ապրեցի իմ այդտեղ եղած ժամանակ և արժանացա ամենասրտաբաց հյուրասիրության։
:   Տեղ հասնելու մյուս օրը, առավոտյան, նրա հետ կառքով գնացինք տեսնելու քաղաքը, որ Լոնդոնի կեսի չափ էր, իսկ տները շինված էին շատ տարօրինակ և մեծ մասամբ կիսավեր էին։ Փողոցներում մարդիկ անցնում էին շտապ քայլելով, նրանց հայացքը վայրի էր, աչքերը հառած մի կետի, և ընդհանրապես ամենքն էլ ցնցոտիապատ էին։ Մենք դուրս եկանք քաղաքի դարբասից և երեք մղոնի չափ գնացինք դեպի դաշտը, ուր ես տեսա բազմաթիվ գյուղացիներ, որոնք աշխատում էին դաշտում տարբեր տեսակի գործիքներով, բայց չկարողացա հասկանալ, թե ինչ էին անում, մանավանդ, որ ես չնկատեցի որևէ հացահատիկի կամ խոտի նշույլ, թեև հողը, ըստ երևույթին, հիանալի էր։ Ես չկարողացա զսպել իմ զարմանքն այդ տարօրինակ տեսարանի առաջ թե՛ քաղաքում և թե՛ դաշտում, և համարձակություն ունեցա դիմելու իմ ուղեկցին, որպեսզի նա բարեհաճի բացատրել ինձ, թե ի՛նչ նշանակություն ունեն այդ զբաղված ձեռքերը և մտազբաղ գլուխներն ու դեմքերը՝ թե՛ փողոցներում և թե՛ դաշտում, որովհետև ես չէի նկատում որևէ արդյունք, որ կարող էին արտադրել այդ մարդիկ․ ընդհակառակը, ես երբեք չէի տեսել մի ավելի անմշակ հող, ավելի վատ շինված ու կիսավեր շենքեր, քան այդտեղ, կամ թե չէ՝ մի ժողովուրդ, որի արտաքին տեսքն ու հագուստն այնքա՜ն թշվառ և պակասավոր լինեին։
:   Այդ լորդ Մյունոդին մի առաջնակարգ անձնավորություն էր, որը մի քանի տարի շարունակ եղել էր Լագադոյի նահանգապետը, սակայն մինիստրների մեքենայությունների շնորհիվ պաշտոնանկ էր եղել, իբրև անկարող մարդ։ Բայց թագավորը նրա հանդեպ սիրալիր էր, իբրև մի բարեմիտ մարդու, թեև նրան համարում էր սահմանափակ և նվազ հասկացողության տեր։
:   Երբ ես ազատ կերպով հայտնեցի իմ կարծիքն այդ երկրի և նրա բնակիչների մասին, նա պատասխանեց, թե ճիշտ կարծիք կազմելու համար ես քիչ եմ ապրել նրանց մեջ, և թե աշխարհի տարբեր ազգերն ունեն տարբեր սովորություններ և նման ընդհանուր կողմեր։ Իսկ երբ վերադարձանք նրա պալատը, նա հարցրեց, թե ինչպե՞ս հավանեցի նրանց շինությունները, ինչ անհեթեթություններ նկատեցի և ի՞նչ գանգատներ ունեմ նրա ծառաների արտաքին տեսքից ու հագուստներից։ Նա վստահ կերպով կարող էր այդ հարցերը տալ, որովհետև նրա տանն ամեն ինչ հոյակապ էր, կարգին ու վայելուչ։ Ես պատասխանեցի, թե նորին վսեմության խոհեմությունը, բարեմասնությունն ու հարստությունը զերծ են պահել նրան այն թերություններից, որ ծնունդ են առել ուրիշների մոտ շնորհիվ նրանց անխելքության և չքավորության։ Նա ասաց, թե եթե մենք գնալու լինենք քաղաքից դուրս կառուցած նրա տունը, որը գտնվում է քսան մղոն հեռավորության վրա, այնտեղ, ուր նրա կալվածքն է, այն ժամանակ մենք ավելի պատեհություն կունենանք նման զրույցներով զբաղվելու։ Ես նորին վսեմությանը հայտնեցի, թե ամբողջովին գտնվում եմ նրա տրամադրության տակ, և մյուս օրը առավոտյան մենք ճանապարհ ընկանք։
:   Մեր ճանապարհորդուցյան միջոցին նա իմ ուշադրությունը հրավիրեց զանազան մեթոդների վրա, որ ֆերմերները գործադրում էին իրենց հողի մշակման համար և որոնք ինձ միանգամայն անհասկանալի էին, որովհետև, շատ քիչ բացառությամբ, ես կարողացա երևան հանել հացահատիկի որևէ հասկ կամ խոտի որևէ ծիլ։ Սակայն երեք ժամ տևող ճանապարհորդուցյունից հետո տեսարանը բոլորովին փոխվեց․ մենք հասանք մի չնաշխարհիկ բնակավայր․ տեսանք գյուղական կոկիկ տներ, մեկը մյուսից մի քիչ հեռու։ Ցանկապատով դաշտեր՝ ներսը խաղողի այգիներ, ցորենի արտեր և մարգագետիններ։ Այդպիսի հաճելի տեսարան ես վաղուց է չէի տեսել։ Նորին վսեմությունը նկատեց, որ իմ դեմքը պայծառացավ․ նա, հառաչելով ինձ ասաց, թե այստեղից սկսվում է իր կալվածքը և շարունակվում է մինչև նրա տունը։ Որ նրա հայրենակիցները ծիծաղում են նրա վրա և ծաղրում նրան, որ նա այդպես վատ է տանում իր գործերը և տերության համար տգեղ օրինակ է դառնում, որին շատ քչերն են հետևում, և այն էլ նրա պես ծեր, կամակոր և անզոր մարդիկ։
:   Վերջապես, մենք հասանք նրա տունը, որը մի հոյակապ շենք էր՝ հնագույն ճարտարապետության լավագույն կանոններով կառուցված։ Շատրվանները, այգիները, ծառուղիներն ու պուրակները դասավորված էին շատ խելացի և ճաշակով։ Այդ ամենը, ինչ ես տեսա, արժանի կերպով գովեցի, որին նորին վսեմությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց մինչև ընթրիքի վերջը, իսկ երբ մենք մնացինք մենակ, նա մելամաղձոտ ձայնով ասաց ինձ, թե իր մտքով երբեմն անցնում է քարուքանդ անել քաղաքի և գյուղի իր տները և վերաշինել այսօրվա ճաշակով․ ոչնչացնել իր բոլրոր ագարակները և հիմնել նորերը, որ համապատասխան լինեն ժամանակի պահանջներին՝ նույն խորհուրդը տալով իր գյուղացիներին․ հակառակ դեպքում իրեն պիտի կշտամբեն գոռոզության, տարօրինակության, ցուցամոլության, տգիտության և քմահաճույքի համար, իսկ նորին մեծության դժգոհությունն էլ, ո՞վ գիտե, գուցե ավելի պիտի մեծանա։ Նա ասաց, որ իմ զարմանքն ավելի պիտի պակասի կամ չքանա, երբ նա պատմի ինձ մի քանի մանրամասնություններ, որոնց մասին ես պալատում ամենևին չլասեցի, որ մարդիկ այնքա՜ն են խորասուզված վերացական մտքերի մեջ, որ չեն տեսնում, թե այստեղ՝ ցածում ի՞նչ է կատարվում։
:   Նրա բոլոր ասածների իմաստն այս էր։ Սրանից քառասուն տարի առաջ մի քանի հոգի բարձրացան Լապուտա, ոմանք գործով, ոմանք զվարճության համար․ և հինգ ամիս մնալուց հետո հետ եկան մաթեմատիկական մակերեսային գիտությամբ, սակայն լիքը ցնդաբանություններով, որ նրանք ձեռք էին բերել այդ օդային երկրում։ Վերադարձից հետո ներքևի բոլոր հիմնարկություններն այդ մարդկանց աչքում անդուրեկան թվացին, և նրանք սկսեցին ծրագիր կազմել վերակառուցելու արվեստը, գիտությունը, լեզուն և տեխնիկան ըստ նոր ձևի։ Այդ նպատակով նրանք ձեռք բերին թագավորական արտոնություն՝ հիմնելու Լագադոյում Ծրագրողների Ակադեմիա։ Այդ միտքն այնքա՜ն հավանեց ժողովուրդը, որ թագավորության մեջ չմնաց քիչ թե շատ աչքի ընկնող մի քաղաք, ուր գոյություն չունենային նման ակադեմիաներ։ Այդ վարժարաններում պրոֆեսորները հնարում են հողագործության և ճարտարապետության նոր ձևեր ու մեթոդներ և արհեստագիտության ու արթյունաբերության նոր գործիքներ ու միջոցներ, և, ինչպես հավատացնում են նրանք, մեկը պիտի աշխատի տասը հոգու փոխարեն, մի որևէ պալատ կարելի է կառուցել մի շաբաթվա ընթացքում և մի այնպիսի ամուր շինանյութից, որ առանց նորոգման կարող է հավիտյան գոյություն ունենալ։ Երկրային բոլոր պտուղները տարվա բոլոր եղանակներին և մեր ուզած ժամանակ պիտի հասունանան և հարյուր անգամ ավելի մեծ պիտի լինեն, քան մեր այժմյան պտուղները, և ուրիշ այլ բազմաթիվ երջանիկ ծրագրեր։ Ափսոս միայն, որ այդ ծրագրերից ոչ մեկը կատարելապես չի մշակված, մինչդեռ ամբողջ երկիրն ապագա բարիքների հույսով մատնված է սոսկալի ամայության, տներն ավերակ վիճակի մեջ են, իսկ ժողովուրդը մնացել է առանց ապրուստի, ու ցնցոտիների մեջ։ Սակայն այդ ամենը նրանց չի վհատեցնում, այլ միայն ավելի ուժգին կերպով դրդում է հետապնդելու իրենց ծրագրերը, և նրանց հավասար կերպով ոգևորում է թե՛ հույսը և թե հուսահատությունը։ Իսկ ինչ վերաբերում է իրեն՝ Մյունոդիին, չունենալով ձեռներեց ոգի, գոհ է, որ ընդանում է հին կարգերով, ապրում իր նախնիների շինած տներում և անում այն, ինչ որ նախնիներն են արել, չմտցնելով իր կյանքի մեջ որևէ նորություն։ Նույն բանն են անում նաև մի քանի այլ երևելի և միջին դասակարգի մարդիկ, սակայն նրանց վրա նայում են արհամարանքով ու չարակամությամբ, իբրև գիտության թշնամիների, տգետների ու հասարակության վնասակար մարդկանց վրա, որոնք իրենց սեփական հանգիստն ու ծուլությունն ավելի են գերադասում, քան իրենց երկրի ընդհանուր բարիքը։
:   Նորին լորդուցյունն ավելացրեց, թե հետագա մանրամասնություններով չի ուզում զրկել ինձ այն հաճույքից, որ ես հավանաբար պիտի ստանամ գերագույն Ակադեմիան տեսնելուց, ուր նա որոշել էր ինձ տանել։ Նա միայն խնդրեց, որ ես ուշադրություն դարձնեմ մի ավերակ շինության վրա, որ գտնվում է սրանից երեք մղոն հեռավորության վրա․ նա պատմեց, թե իր տնից կես մղոն հեռավորության վրա նա ուներ կոկիկ ջրաղաց, որ բանում էր մեծ գետից առած ջրով ու բավարարում էր իր ընտանիքի և շատ գյուղացիների կարիքը։ Սրանից յոթ տարի առաջ նրա մոտ եկավ այդ ծրագրողներից մի խումբ և առաջարկեց քանդել այդ ջրաղացն ու շինել մի ուրիշ լեռան ստորոտում․ այդ լեռան կատարին նրանք պիտի անցկացնեին մի ջրանցք՝ ջուրն ամբարելու համար, ուր այդ ջուրը պիտի բարձրանա ջրմուղների օգնությամբ ու խողովակներով և ջրաղացը բանեցնի․ քանի որ քամին և օդը շարժման մեջ դնելով ջուրը, ավելի արագահոս պիտի դարձնեն նրան և ջուրը զառիվայրից պիտի թափվի, ուստի ջրաղացը բանեցնելու համար երկու անգամ ավելի քիչ ջուր կգնա, քան այն ժամանակ, երբ ջրանցքն ընկնում է հարթ տարածության վրա։ Նորին վսեմությունն ասաց, որ այդ ժամանակ իր հարաբերությունն արքունիքի հետ այնքան էլ լավ չէր, և մյուս կողմից զիջելով իր բարեկամներից շատերի խորհրդին՝ նա այդ առաջարկին տվեց իր համաձայնությունը։ Երկու տարվա ընթացքում հարյուր մարդ բանեցնելուց հետո, գործը վիժեց, ծրագրողները փախան, մեղադրանքն ամբողջովին բարդելով նրա վրա և դրանից հետո միշտ ծաղրելով նրան և միևնույն ժամանակ դրդելով ուրիշներին, որ նույն փորձը կատարեն, տալով այդ գործի հաջողության, ինչպես և հուսախաբության միևնույն երաշխիքը։
:   Մի քանի օրից հետո մենք վերադարձանք քաղաք և նորին վսեմությունը, ի նկատի ունենալով Ակադեմիայի՝ իր հանդեպ ունեցած վատ համարումը, չկամեցավ միասին գնալ այնտեղ, այլ հանձնարարեց իր մի բարեկամին, որ ընկերակցի ինձ։ Իմ լորդը բարեհաճեց ներկայացնել ինձ իբրև ծրագրերի սիրահարի և շատ հետաքրքրվող ու դյուրահավատ մարդու, որ իրոք ճշմարտությունից հեռու չէր, քանի որ ես իմ երիտասարդության օրերին ինքս էլ մի տեսակ ծրագիր կազմող էի։
 
==Գլուխ հինգերորդ==
:   Հեղինակին թույլ են տալիս տեսնելու Լագադոյի բարձրագույն Ակդեմիան։ Ակադեմիայի մանրամասն նկարագրությունը։ Արվեստներ, որոնցով զբաղված են պրոֆեսորները։
 
:   Այդ Ակադեմիան մի առանձին շինություն չէր, այլ տների մի շարք, որ կառուցված էր փողոցի երկու կողմը, որտեղ առաջ անմարդաբնակ էր և ապա ձեռք էր բերված ու հատկացված այդ նպատակին։
:   Ռեկտորը ինձ շատ սիրալիր կերպով ընդունեց, և ես շատ անգամ հաճախեցի Ակադեմիան։ Ամեն մի սենյակուն մի ծրագրող կար, և ես կարծում եմ, որ եղա ոչ պակաս, քան հինգ հարյուր սենյակում։
:   Առաջին գիտնականը, որին ես այցելեցի, ուներ վտիտ տեսք և մրոտ ձեռքեր ու երես․ նրա մազերն ու մորուքը երկար էին, տեղ֊տեղ թախկված ու խանձված։ Նրա հագուստը, շապիկը և կաշին միևնույն գույնն ունեին։ Նա ութ տարի շարունակ ծրագիր էր կազմում վարունգից արևի ճառագայթներ հանելու համար, որ պիտի պարփակեր հերմետիկորեն փակած շշերի մեջ ու տաքացներ օդը, եթե ամառը լիներ սառը և անձրևոտ։ Նա ինձ ասաց, թե հույս ունի, որ ութ տարուց հետո հնարավորություն կունենա նահանգապետի այգին էժան գնով արևի ճառագայթներ մատակարարելու․ սակայն նա գանգատվեց, թե նրա պաշարը քիչ է և խնդրեց ինձ, որ նրա գյուտարարությունը խրախուսելու նպատակով մի որևէ բան տամ, մանավանդ, որ այդ տարին վարունգը շատ թանկ էր։ Ես նրան մի փոքրի նվեր տվի, քանի որ իմ լորդը դիտմամբ ինձ տվել էր մի քիչ դրամ, որովհետև նա գիտեր իրենց մուրալու սովորությունը, երբ մեկը գնում էր նրանց տեսնելու։
:   Մտնելով մի այլ սենյակ, քիչ մնաց, որ դուրս թռչեմ իսկույն, որովհետև համարյա թե պիտի խեղդվեի սոսկալի գարշահոտույունից։ Սակայն իմ առաջնորդը պահեց ինձ, շշնջալով իմ ականջին, թե հարկավոր է ներս մտնել, այլապես մենք նրան կվիրավորենք․ այդպիսով ես ստիպված էի ներս մտնելու սենյակը, մինչև անգամ առանց քիթս բռնելու։ Այդեղ նստած գյուտարարն Ակադեմիայի հնագույն անդամներից մեկն էր։ Նրա դեմքն ու մորուքը դեղնադժգույն էին․ նրա ձեռներն ու հագուստն ապականված էին աղտոտության մեջ։ Երբ ինձ ներկայացրին նրան, գրկեց ինձ (մի սիրալիր վերաբերմունք, որ ամենայն սիրով կզիջեյի նրան): Ակադեմիա մտնելու առաջի օրից նա զբաղված էր նրանով, որ մարդկային կղկղանքը վերածի սննդարար նյութերի, որոնցից այդ կղկղանքն առաջացել էր, աշխատելով հեռացնել նրանից մի քանի բաղադրիչ մասեր, վերացնել նրա գույնը, որ ստացվել էր լեղիից, գոլորշիացնել գարշահոտությունն ու զատել նրանից թուքը։ Քաղաքն ամեն օր բաց էր թողնում այդ գիտնականին մարդկային աղտեղություններով լիքը մի աման, որ բրիստոլյան տակառի մեծություն ուներ։
:   Այդտեղ ես տեսա մի այլ գիտնականի, որ զբաղված էր սառույցը վառոդ շինելով։ Նա ինձ ցույց տվեց բոցի կիզիչ ուժի մասին մի շարադրություն, որ մտադիր էր հրատարակության տալ։
:   Այստեղ կար նաև մի վերին աստիճանի հնարագետ ճարտարապետ, որ նախագծում էր տուն շինելու մի նոր ձև՝ սկսած տանիքից մինչև հիմքը։ Նա պաշտպանեց այդ մեթոդը երկու իմաստուն միջատների փորձառությամբ՝ մեղվի և մրջյունի։
:   Այդտեղ կար վերջապես ի բնե մի կույր մարդ, որն իր ձեռի տակ ուներ մի քանի նույնպես կույր աշակերտ։ Նրանց զբաղմունքն այն էր, որ նկարչի համար ներկեր խառնեն․ իսկ սրանց ուսուցիչը սովորեցնում էր, որ այդ ներկերը նրանք ջոկեն իրենց հոտոտելիքի և շաշափելիքի օգնությամբ։ Ճիշտ է, իմ բախտից ես չնկատեցի, որ նրանք իրենց դասն այնքան էլ լավ կատարեն և ինքն ուսուցիչն էլ շարունակ սխալներ էր անում, բայց և այնպես այդ վարպետն իր արհեստակիցների մեջ մեծ համարում ուներ։
:   Մի այլ սենյակում ինձ մեծ զվարճություն պատճառեց մի ծրագրող, որ գտել էր հողը խոզի օգնությամբ հերկելու միջոց, որպեսզի խնայի գութանի, անասունների ու մշակների ծախսերը։ Այդ մեթոդը հետևյալն է․ մի ակր հողում դուք թաղում եք մեկը մյուսից վեց մատնաչափ հեռավորությամբ և ութ մատնաչափ խորությամբ որոշ քանակության կաղին, արմավ, շագանակ և զանազան տեսակի ընդեղեն, որոնց շատ սիրահար են խոզերը․ ապա դուք քշում եք դեպի դաշտը վեց հարյուր կամ ավելի խոզ, և նրանք կեր գտնելու համար մի քանի օրում իրենց դնչով փորում են գետինը և հողը դարձնում ցանելու համար պիտանի և միևնույն ժամանակ պարարտացնում այդ հողն իրենց աղբով։ Ճիշտ է, փորձից հետո նրանք գտան, որ արած ծախսն ու գործադրած ջանքը շատ մեծ է և ստացած բերքը շատ աննշան։ Սակայն ոչ ոք չի կասկածում, թե այդ գյուտը կարող է կատարելագործվել և խոստանում է փայլուն ապագա։
:    Ես մտա մի ուրիշ սենյակ, որի պատերն ու առաստաղը ամբողջովին պատած էին սարդի ոստյանով, բացի նեղ մուտքից, որով գյուտարարը ներս ու դուրս էր անում։ Ներս մտնելու ժամանակ նա ինձ վրա բարձր ձայնով գոռաց, որ ես չքանդեմ նրա ոստյանը։ Նա գանգատվեց այն ճակատագրական սխալից, որ մինչև օրս անում է աշխարհն օգտագործելով շերամի որդը, մինչդեռ մենք ունենք առատ չափով այնպիսի ընտանի միջատներ, որոնք անսահման կերպով գերազանցում են վերոհիշյլալ որդերին, որովհետև այդ միջատները գիտեն թե՛ մանել և թե գործել։ Ապա գյուտարարն ասաց, թե սարդերի օգտագործումը միանգամայն պիտի կրճատի մետակսը ներկելու ծախսերը․ այդ ինձ բոլորովին համոզիչ թվաց, երբ նա ցույց տվեց ահագին քանակությամբ գույնզգույն ճանճեր, որոնցով նա կերակրում էր իր սարդերը, հավատացնելով, թե նրանցից պիտի երանգավորվի ոստյանը․ և քանի որ նրա մոտ կային ամեն գույնի ճանճեր, ուստի նա հույս ուներ բավարարելու ամենքի ճաշակը, հենց որ նրան հաջողվեր իր ճանճերի համար համապատասխան կերակուր գտնել՝ լինի դա խիժ թե յուղ կամ մի այլ տեսակի մածուցիկ հյութ, որոնց միջոցով նա պիտի կարողանա ոստյանի թելերը դարձնել ավելի ամուր և դիմացկուն։
:    Այդտեղ կար և մի աստղագետ, որը ծրագիր էր կազմում տեղավորելու արևի ժամացույցը քաղաքային տան հողմացույցի վրա՝ ստուգելու համար երկրի և արևի տարեկան և օրական շարժումներն ու համաձայնեցնելու և համադրելու համար այդ շարժումները պատահական քամիներին։
:    Այդ ժամանակ ես զգացի, որ իմ ստամոքսը թեթև կերպով կծկվում է, և իմ առաջնորդն ինձ տարավ նշանավոր բժշկի սենյակը, որ հատկապես հայտնի էր ստամոքսային հիվանդությունների բժշկությամբ․ այդ բժշկությունը նա կատարում էր երկու հակադիր գործողությունների միջողով, միևնույն գործիքով։ Նա ուներ մի մեծ փուքս՝ փղոսկրե երկար ծայրով։ Բժիշկը հավատացնում էր, որ երբ խողովակն ութ մատնաչափ խորությամբ մտցնում է հետույքի անցքն ու փչում փուքսը, այն ժամանակ նա աղիքներին տալիս է չոր փուչիկի տեսք։ Երբ հիվանդուցյունն ավելի հարատև է և դաժան, այն ժամանակ բժիշկը փուքսն օդով լցնելուց հետո խողովակը մտցնում է հետույքի անցքը և օդ մղում հիվանդի մարմինը, ապա նա հանում է խողովակը՝ փուքսը կրկին օդով լցնելու համար, միաժամանակ իր բութ մատով պինդ փակելով հետույքի անցքը։ Այդ գործողությունը նա կրկնում է երեք կամ չորս անգամ․ դրանից հետո ստամոքսի մեջ եղած օդը դուրս է գալիս, իր հետ բերելով բոլոր վնասակար նյութերը (ինչպես ջուրը ջրմուղի միջից), և հիվանդն այդպիսով առողջանում է։ Իմ աչքի առաջ նա այդ փորձը կատարեց մի շան վրա, բայց ես չնկատեցի, որ որևէ արդյունք տար։ Երկրորդ փորձից հետո կենդանին սարսափելի ուռավ և քիչ մնաց թե պիտի պայթի․ ապա այնքան առատ ձևով դուրս գնաց, որ թե՛ ինձ և թե՛ իմ առաջնորդին մեծ զզվանք պատճառեց։ Շունը մի ակնթարթում սատկեց, ու մենք հեռացանք բժշկից, որը կրկին ջանք էր թափում, նույն գործողությամբ շանը կենդանություն տալու։
:    Ես այցելեցի բազմաթիվ այլ սենյակներ, սակայն համառոտագրած լինելու համար ես չպիտի անհանգստացնեմ ընթերցողին այդ բոլոր զարմանալիքներով, որոնց ականատես եղա այտեղ։
:    Մինչև այժմ ես ծանոթացա միայն Ակադեմիայի մի բաժանմունքի հետ․ մյուս բաժանմունքը հատկացված էր վերացական գիտությունների ուսումնասերներին, որոնց մասին ես կասեմ մի քանի խոսք, երբ առիթ կունենամ մատնանշելու մի նշանավոր գիտնականի, որ հայտնի է նրանց մեջ տիեզերական վարպետ անունով։ Նա մեզ պատմեց, թե արդեն երեսուն տարի է իր ամբողջ միտքը նվիրել է մարդկային կյանքը բարելավելու խնդրին։ Նա ունի երկու ընդարձակ սենյակ՝ լիքը զարմանալի նորություններով, և հիսուն օգնական։ Ոմանք խտացնում են օդը, դարձնելով նրան չոր և շոշափելի առարկա, որից պատրաստում են բորակ՝ քամելով նրա ջրային և հոսուն մասերը․ մյուսները կակղացնում են մարմարիոնը բարձերի և ասեղակալների համար, և ոմանք էլ կենդանի ձիերի սմբակները քարացնում են, որպեսզի փտելուց ազատեն։ Ինքը վարպետն այդ ժամանակ զբաղված էր երկու խոշոր խնդրով․ առաջինը՝ հողը ցանել հարդով, որ, ինչպես պնդում էր նա, իր մեջ պարունակում է իսկական արտադրողական ուժը, որ նա ապացուցեց բազմաթիվ փորձերով, որոնք դժբախտաբար, ինձ համար անհասկանալի մնացին, երկրորդը՝ խեժի, հանքային և բուսական նյութերի մի տեսակ խառնուրդով պատել երկու մատղաշ ոչխարի մարմին և այդպիսով դադարրեցնել նրանց բրդի աճումը։ Նա հավատացած է, որ մոտ ապագայում ամբողջ թագավորութայն մեջ կզբաղեցնի մերկ ոչխարների մի ցեղ։
:    Դրանից հետո մենք անցանք Ակադեմիայի մյուս մասը, ուր, ինչպես մի փոքր առաջ ասացի, ծրագրողների նիստն էր՝ վերացական գիտություններին նվիրված։
:    Առաջին պրոֆեսորը, որին ես տեսա, գտնվում էր մի խոշոր սենյակում՝ քառասուն աշակերտներով շրջապատված։ Ողջյունից հետո նա նկատեց, որ ես ուշադրությամբ նայում եմ մի դազգահի, որ բռնում էր սենյակի մեծագույն մասը և ասաց, գուցե նրա զբաղմունքն ինձ զարմանք պատճառի, նրա նպատակն էր ծրագրել վերացական գիտությունների կատարելագործումը գործնական և տեխնիկական գործողությունների միջոցով։ Սակայն մարդկությունը շուտով պիտի գնահատի նրա ծրագրի օգտակարությունը, և նա շողոքորթում էր իրեն, թե ավելի վսեմ միտք դեռ ոչ ոքի գլխում չի ծագել։ Ամեն ոք գիտե, թե որքան դժվար է սովորական մեթոդներով ուսումնասիրել արվեստն ու գիտությունները․ մինչդեռ նրա գյուտով ամենատգետ անձնավորությունը չնչին ծախքով և նվազ ֆիզիկական աշխատանքով կարող է գրել փիլիսոփայության, բանաստեղծության, իրավագիտության, մաթեմատիկայի և աստվածաբանության վերաբերայլ գրքեր՝ տաղանդի և ուսման իսպառ բացակայությամբ։ Ապա նա ինձ տարավ դեպի դազգահը, որի շուրջը շարեշար կանգնել էին նրա աշակերտները։ Այդ դազգահի մեծությունը քսան քառակուսի ոտնաչափ էր և դրված էր սենյակի մեջտեղը։ Նրա երեսը տախտակի բազմաթիվ կտորներից էր, որոնցից ամեն մեկը նարդու զառի չափ էր, մեկը մյուսից մի փոքր ավելի։ Տախտակի այդ կտորները միացված էին իրար երկաթե բարակ լարով և ամեն կողմից կպցրած էր թղթի կտորներ, որոնց վրա իրենց լեզվով գրված էին բառեր, որ ունեին զանազան եղանակներ, ժամանակներ ու հոլովներ, սակայն առանց որևէ կարգի։ Ապա պրոֆեսորը խնդրեց, որ ես ուշադիր լինեմ, որովհետև նա ուզում էր բանեցնել իր մեքենան։ Պրոֆեսորի հրամանով աշակերտներից մեկը բռնեց երկաթե մի դաստակ, որ թվով քառասուն՝ կպցրած էին դազգահի չորս կողմից․ երբ աշակերտները մի քանի անգամ պտտացրին այդ դաստակները, բառերի նախկին շարադասությունը միանգամայն փոխվեց։ Այն ժամանակ պրոֆեսորը հրամայեց, որ երեսունվեց հոգի հանդարտ կերպով կարդան այն տողերը, որոնք առաջացել էին դազգահի վրա, և երբ նրանք այդ տողերում գտնում էին երեք կամ չորս բառ, որոնք մի որևէ դարձվածք էին կազմում, իսկույն թելադրում էին մնացած չորս աշակերտներին, որոնք գրագիրների դեր էին կատարում։ Այդ վարժությունը կրկնվեց երեք թե չորս անգամ, և մեքենան այնպես էր շինված, որ ամեն մի պտույտից հետո բառերը նոր դասավորություն էին ստանում, հենց որ տախտակի կտորները մի կողմից մյուս կողմն էին շարվում։
:    Այդ վարժությամբ երիտասարդ ուսանողները պարապում էին օրական վեց ժամ, պրոֆեսորը ցույց տվեց ինձ բազմաթիվ մեծադիր հատորներ՝ հատուկտոր դարձվածքներից կազմված, որ նա մտադիր էր իրար հետ միացնել և այդ կերպով գոյացած նյութի վրա մարդկությանը տալ արվեստների ու գիտությունների մի միաձույլ երկասիրություն․ այդ գործը կարելի էր ավելի կատարելագործել և արագացնել, եթե հասարակությունը որոշ գումար հատկացներ հինգ հարյուր նման դազգահ շինելու Լագադոյում և հնարավորություն տար այդ դազգահներից ստացած դարձվածքներն իրար հետ համեմատելու։
:     Նա ինձ հավատացրեց, որ պատանեկությունից սկսած իր միտքն զբաղված է այդ գյուտով, որ իր դազգահը պարունակում է իր մեջ մի ամբողջ բառարան և որ նա ճշգրիտ կերպով հաշվել է մասնիկների թվի, անունների, բայերի և մյուս խոսքի մասերի այն հարաբերությունը միմյանց հետ, որ գոյություն ունի գրքերում։
:     Ես իմ խորին շնորհակալությունը հայտնեցի այդ երևելի մարդուն իր խոշոր հայտնագործությունների համար և խոստացա, որ երբ բախտ ունենամ վերադառնալու իմ հայրենի երկիրը, պիտի ըստ արժանավույն գնահատեմ նրան իբրև եզակի գյուտարարի, որ գտել է այդ զարմանալի մեքենան, որի ձևն ու կառուցվածքը ես խնդրեցի թույլ տալ ընդօրինակելու թղթի վրա, որպեսզի կցեմ այս գրքին։ Ես նրան ասացի՝ թեև Եվրոպայում մեր գիտնականների մեջ սովորություն կա գյուտերը միմյանցից գողանալու, մի հանգամանք, որի առավելությունն այն է, որ բանավեճ է սկսվում, թե նրանցից ո՞րն է իրավազոր տերն այդ գյուտի, սակայն ես ձեռք կառնեմ այնպիսի միջոցներ, որպեսզի այդ պատիվը, առանց որևէ մրցակցի, ամբողջովին իրեն պատկանի։
:     Այնուհետև մենք գնացինք լեզվագիտական դպրոցը, ուր տեղի ուներ երեք պրոֆեսորների նիստը՝ նվիրված իրենց մայրենի լեզվի մշակման խնդրին։
:     Առաջին նախագիծն առաջարկում էր կրճատել խոսակցական լեզվի բոլոր բազմավանկ բառերն ու դարձնել միավանկ և վերացնել բայերն ու դերբայները, որովհետև իրականում բոլոր իմանալի առարկաները լոկ անուններ են։ Երկրորդ նախագիծը պահանջում էր առհասարակ ջնջել բոլոր բառերը և դա կունենար խոշոր օգուտ առողջության և համառոտության տեսակետից։ Հայտնի է, որ մեր արտասանած ամեն մի խոսք որոշ չափով մաշում է մեր թոքերը և հետևապես կրճատում մեր կյանքը։ Քանի որ բառերը լոկ իրերի անուններ են, ուստի ծրագրողն առաջարկում է, որ ավելի հարմար կլինի, եթե ամեն մի մարդ իր հետ վերցնի այն իրերը, որ անհրաժեշտ է իր մտքերն ու ցանկություններն արտահայտելու համար։ Եվ այդ գյուտն անշուշտ մեծ ընդունելություն կգտներ շնորհիվ իր հարմարության և անհատի առողջության համար ունեցած օգուտի, եթե կանայք միացած տգետ ամբխի հետ չսպառնային ապստամբել՝ պահանջելով իրենց լեզվի համար խոսելու ազատություն՝ համաձայն իրենց նախնի սովորության․ այդչափ տևական է հասարակ ժողովրդի անհաշտ թշնամությունը գիտության հանդեպ։ Տակավին գիտնական և իմաստուն մարդկանցից շատերն օգտվում են այդ նոր ծրագրից և իրենց միտքն արտահայտում են իրերով։ Միակ անհարմարությունն այն է, որ մեկը տարբեր նյութերի մասին ասելիք ունենալու դեպքում ստիպված է դրա համապատասխան իր մեջքին կրել իրերով լիքը ահագին ծրար, եթե նա չի կարող մեկ կամ երկու սպասավոր վարձել այդ իրերը տանելու համար։ Հաճախ առիթ եմ ունեցել տեսնելու երկու նման իմաստունների, մեր մանրավաճառների նման իրենց բեռների տակ ճկած․ փողոցում միմյանց հանդիպելու ժամանակ նրանք ցած էին դնում իրենց բեռը, բաց անում ծրարը և այդպես մի ամբողջ ժամ իրար հետ խոսում․ ապա հավաքում էին իրենց գործիքները, իրար օգնում բեռն առնելու համար ու միմյանց հրաժեշտ տալիս։
:     Սակայն կարճ խոսակցության համար կարելի է անհրաժեշտ իրերը կրել գրպանի մեջ կամ կռնատակին, իսկ տանը կարիք չկա։ Ուստի այն սենյակը, ուր հավաքվում են այդ մեթոդը կիրառող մարդիկ, լիքն է նման տեսակի իրերով, որ անհրաժեշտ է նման շինծու խոսակցության համար։
:     Այդ գյուտի մյուս խոշորագույն առավելությոնն այն է, որ դա կարելի է գործադրել իբրև մի համաշխարային լեզու՝ հասկանալի բոլոր քաղաքակրթված ազգությունների համար, որոնց կահ֊կարասին և ամանեղենն ընդհանուր առմամբ նույնն է, կամ համարյա իրար նման, այնպես որ դրանց գործածությունը դյուրըմբռնելի է։ Ուստի դեսպաններն առանց դժվարության կարող են խոսել օտար թագվորների և թագավորական մինիստրների հետ, որոնց լեզուն միանգամայն անհասկանալի է նրանց համար։
:     Ես եղա մաթեմատիկական դպրոցում, որտեղ ուսուցիչներն իրենց աշակերտներին դասավանդում են մի այնպիսի մեթոդով, որ հազիվ թե ըմբռնելի լինի մեզ մոտ՝ Եվրոպայում։ Խնդիրն ու ապացույցը հստակ կերպով գրում են հաբի վրա մի թանաքով, որ պարունակում է իր մեջ գլխացավի դեղ։ Ուսանողը անոթի փորով կուլ է տալիս հաբը և երեք օր շարունակ բացի հաց ու ջրից ուրիշ բան չի ուտում։ Երբ նա մարսում է հաբի կլեպը, դեղը բարձրանում է դեպի նրա ուղեղը, իր հետ բերելով և խնդրի լուծումը։ Սակայն արդյունքը մինչև օրս աննշան է եղել, որ բացատրվում է մասամբ դեղի չափի կամ նրա բաղադրիչ մասերի սխալ որոշման պատճառով, մասամբ տղաների հակառակության շնորհիվ, որոնց համար այդ հաբերն այնքան զզվելի են, որ նրանք նախքան դեղի ներգործումը, աշխատում են դուրս թքել․ բացի այդ, դժվար է համոզել, որպեսզի նրանք հարկը պահանջած չափով ժուժկալ չլինեն։
 
==Գլուխ վեցերորդ==
:     Ակադեմիայի նկարագրության շարունկությունը։ Հեղինակն առաջարկում է մի շարք բարեփոխություններ, որոնք սիրով ընդունվում են։
 
:     Քաղաքական ծրագրողների դպրոցն ինձ առանձնապես զարմանք չպատճառեց․ պրոֆեսորներն այդտեղ կարծես թե խելքը կորցրած մարդիկ լինեին, մի տեսարան, որ միշտ ինձ տաղտկություն է պատճառում։ Այդ թշվառականները նախագիծ էին կազմում՝ թագավորներին համոզելու, որպեսզի նրանք իրենց համար ֆավորիտներ ընտրեն իմաստուն, մինիստրներին սովորեցնելու, որպեսզի նրանք ի նկատի առնեն հասարակական բարիքը, վարձատրեն արժանիքը, տաղանդը և հասարակական վսեմ ծառայությունը․ թագավորներին հրահանգելու, որպեսզի նրանք ճանաչեն իրենց իսկական շահը, որ հիմնված է իրենց ժողովրդի շահի վրա․ պաշտոնների համար ընտրել արժանավոր մարդիկ և ապա գործի դնել․ և ուրիշ շատ անմիտ ցնորքներ, որոնք երբեք խելացի մարդու գլխով չեն անցնի։ Այդ ամենը հաստատեց մի հին դիտողություն, թե չկա մի այնպիսի անհեթեթ և արտառոց բան, որ փիլիսոփաներից ոմանք պաշտպանած չլինեն իբրև ճշմարտություն։
:   Սակայն արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ Ակադեմիայի այդ բաժանմունքում, ըստ իս, ամենքն էլ այդքան ցնդաբան չէին։ Այստեղ ես ծանոթացա մի շատ տաղանդավոր դոկտորի հետ, որ կարծես թե հիանալի կերպով ուսումնասիրել էր պետական իշխանության ամբողջ էությունն ու սիստեմը։ Այդ երևելի մարդը նվիրված էր մի վերին աստիճանի շահավետ ուսումնասիրության՝ գտնել զորավոր դարմանը բոլոր այն ախտերի և բարոյական ապականությունների, որոնց ենթակա են զանազան հասարակական հիմնարկներ՝ շնորհիվ վարիչների մոլության ու անկարության, ինչպես և հպատակների սանձարձակության։ Օրինակի համար՝ քանի որ գրողներն ու փիլիսոփաներն ապացուցում են, թե բնական և քաղաքական մարմինների մեջ գոյություն ունի խոշոր նմանություն, ուստի կա՞ արդյոք ավելի ակնհայտ բան, քան այն, որ այդ երկու մարմինների առողջությունը հարկավոր է խնայել և հիվանդուցյունները բուժել միևնույն միջոցներով։ Հայտնի է, որ սենատորներն ու նշանավոր խորհրդականներն ունեն շատախոսության, դյուրաբորբոքության և այլ ստոր հակումների պակասություն, գլխի և մանավանդ սրտի բազմաթիվ հիվանդուցյուններ, սոսկալի ջղաձգումներ, զույգ ձեռքերի և մանավանդ աջ ձեչքի ջղերի ու մկանների տառապագին ցնցումներ, մաղձ, քամիներ փորի մեջ, գլխի պտույտ և զառանցանք, խուլոտ ուռուցքներ՝ լիքը թարախով ու գարշահոտությամբ, թթու զկրտոցներ, գայլի ախորժակ և կոշտ մարսողություն, չհաշված բազմաթիվ այլ հիվանդություններ, որոնց մասին չարժե այստեղ հիշատակել։ Ուստի հռչակավոր դոկտորն առաջարկում է, որ գումարելով սենատը, առաջին երեք օրը նիստերին ներկա լինեն մի քանի բժիշկ և օրվա վիճաբանություններից հետո շոշափեն ամեն մի սենատորի զարկերակը․ ապա յուրաքանչյուր հիվանդուցյան բնույթն ու բուժման ձևը լրջորեն քննության ու խորհրդակցության ենթարկելուց հետո՝ չորրորդ օրը վերադառնան սենատը՝ իրենց դեղագործների հետ միասին, որոնք կունենան անհրաժեշտ դեղերի պաշար, և նախքան նիստի բացվելն ամեն մի սենատորի կտան հանդարտեցնող, լուծող, մաքրող, հալող, զսպող, ամոքող, թուլացնող գլխացավի, դալկության, խորխի, ականջացավի դեղեր, նայած հիվանդության տեսակին․ իսկ երբ այդ դեղերը կներգործեն՝ նորից կկրկնեն, կտան ուրիշ կամ կդադարեն տալուց։
:   Այդ ծրագիրը ժողովրդին թանկ չպիտի նստի և իմ համեստ կարծիքով մեծ օգուտ պիտի տա գործերի արագացման տեսակետից այն երկրներում, ուր սենատն օրենսդրական իշխանության մեջ բաժին ունի․ ստեղծել միաձայնություն, կրճատել վիճաբանությունները, բաց անել մի շարք բերաններ, որոնք ներկայումս փակ են և փակել է՛լ ավելի շատ բերաններ, որոնք այժմ բաց են․ սանձել երիտասարդության կիրքը և մեղմացնել ծերության չարությունը․ արթնացնել հիմարներին և սառը ջուր ածել հանդուգն մարդկանց գլխին։
:   Այնուհետև, քանի որ ամենքն էր տրտնջում են, որ թագավորների ֆավորիտները տառապում են հիշողության կարճությամբ ու թուլությամբ, ուստի նույն դոկտորն առաջարկում է, որպեսզի առաջին մինիստրին այցելողներից յուրաքանչյուրն իր գործը շատ համառոտ ու պարզ խոսքերով պատմելուց հետո, հրաժեշտի ժամանակ, հիշյալ մինիստրի քթին մի անգամ խփի, կամ փորին զարկի, կամ ոտքի կոշտը կոխ տա, կամ ականջներից քաշի, կամ ասեղով հետույքը ծակի և կամ կմշտելով՝ նրա ձեռքը կապտացնի, որպեսզի այդպիսով նրան փրկի մոռացությունից․ և ամեն օր ընդունելության ժամանակ այդ գործողությունը կրկնի, մինչև որ մինիստրն իր խնդիրը կկատարի կամ վերջնականապես կմերժի։
:   Բացի այդ, նա առաջարկում է, որ ազգային խորհրդում ամեն մի սենատոր իր կարծիքը հայտնելուց և փաստարկելուց հետո պետք է իր քվեն ճիշտ հակառակ կողմին տա, որովհետև այդպիսով քվեարկության արդյունքն առանց այլևայլությունների կլինի ի նպաստ հասարակական բարիքի։
:   Պարտիաների պայքարը կատաղի լինելու դեպքում, նա հաշտության համար մի սքանչելի միջոց է առաջարկում։ Այդ միջոցը հետևյալն է․դուք վերցնում եք ամեն մի պարտիայից հարյուր պարագլուխ և զույգերի բաժանում այնպես, որ զույգ պարագլուխների գլուխները մոտավորապես մի մեծության լինեն․ թող երկու հմուտ վիրաբույժներ միաժամանակ սղոցեն յուրաքանչյուր զույգի ծոծրակն այնպես, որ ուղեղը երկու հավասար մասի բաժանվի։ Ապա, թո՛ղ այդ կտրված ծածրակները փոխանակեն և կպցնեն հակառակորդ պարտիայի կողմնակցի գլխին։ Այդ անդամահատուցյունը ըստ երևույթի, պահանջում է խոշոր ճշտություն, սակայն պրոֆեսորը հավատացնում է մեզ, որ եթե ճարպիկ ձեռքով կատարվի, ապաքինումն ապահովված է։ Նա դատում է այսպես․ ուղեղի կիսված մասերն ստիպված լինելով վիճել միմյանց հետ մի քանգի խոռոչում, իսկույն համաձայնության կգան և երևան կհանեն այն չափավորությունը և մտքի այն կանոնավորությունը, որ ցանկալի է այն մարդկանց համար, որոնք երևակայում են, թե իրենք աշխարհ են եկել մարդկությունը պահպանելու և կառավարելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է մաքառող պարտիաների ղեկավարների ուղեղների քաղաքական և որակական տարբերությանը, դոկտորը, հիմնված իր փորձերի վրա, հավատացնում է, թե դա միանգամայն դատարկ բան է։
:   Ես լսեցի երկու պրոֆեսորի տաք վիճաբանությունը՝ ժողովրդից, առանց չարչարանքի, տուրք հավաքելու հարմարագույն և արդյունավետ միջոցների և ձևերի մասին։ Առաջինը պնդում էր, թե ամենաարդարացի միջոցն այն է, որ որոշ տուրքի ենթարկվի մոլությունը և խենթությունը, և այդ տուրքի գումարն ամեն մի մարդու վրա օրինավոր կերպով սահմանվի հարևաններից կազմված ժյուրիի կողմից։ Երկրորդն ուղղակի հակառակ կարծիքի էր՝ տուրքի պիտի ենթարկել մարմնի և հոգու այն հատկությունները, որոնց համար մարդիկ ավելի են գնահատում իրենց․ տուրքը կարող է ավելի կամ պակաս լինել՝ նայած այդ հատկությունների առավելության, որի չափը որոշում է ամեն մարդ ըստ իր խղճի։ Ամենաբարրձր տուրքը վճարում են նրանք, ովքեր ամենից շատ են սիրված մյուս սեռի կողմից, և այդ հարկադրությունը տեղի է ունենում տուրքատուների ստացած շնորհների քանակի և բնույթի համաձայն և ըստ իրենց սեփական վկայության։ Բարձրագույն տուրքի են ենթարկվում նաև՝ իմաստությունը, քաջությունն ու վայելուչ բարքը և այդ տուրքի սահմանումն էլ կատարվում է նույն ձևով, այսինքն ամեն մարդ ինքն է որոշում այդ հատկությունների չափը։ Սակայն պատիվը, արդարամտությունը, խելացիությունը և գիտությունը չպիտի տուրքի ենթարկվեն, որովհետև դրանց որակումն այնքան եզակի հանգամանք ունի, որ ոչ ոք չի ուզում ընդունել այդ արժանիքների գոյությունն ուրիշների մոտ և ոչ էլ կարողանում է իր մեջ եղածը գնահատել։
:   Կանանց պիտի առաջարկել, որ տուրք տան ըստ իրենց գեղեցկության և լավ հագնվելու կարողության և նրանք, տղամարդկանց հետ միասին, պիտի ունենան նույն արտոնությունը՝ տուրքի սահմանումը պիտի կատարվի համաձայն իրենց վճռի։ Սակայն կանանց հաստատամտությունը, ողջախոհությունը, խելացի միտքն ու բարի վարքը տուրքի չպիտի ենթարկվեն, որովհետև գանձումը չի ծածկի արած ծախսերը։
:   Սենատորներին ստիպելու համար, որպեսզի նրանք ծառայեն թագի շահերին, նա առաջարկում է բարձր պաշտոնները նրանց մեջ բաժանել վիճակահանությամբ․ նախ և առաջ ամենքը պիտի երդվեն և խոսք տան, որ պիտի քվեարկեն ի նպաստ արքունիքի, անկախ նրանից՝ վիճակ կընկնի թե ոչ․ հետագայում նրանք, ում վիճակ չի ընկել, իրավունք ունեն, որևէ պաշտոն թափուր մնացած դեպքում, մասնակցելու վիճակահանության։ Այդպիսով նրանց մեջ հույսն ու սպասելիքը միշտ վառ կմնա, ոչ ոք չի գանգատվի խոստումնազանցության դեմ, այլ անհաջողությունն ամբողջապես կվերագրեն բախտին, որի թիկունքն ավելի լայն ու ամուր է, քան մի որևէ մինիստրի թիկունքը։
:   Մի այլ պրոֆեսոր ցույց տվեց ինձ հրահանգների մի ընդարձակ ձեռագիր, պետության դեմ սարքած դավադրություններն ու մեքենայությունները երևան հանելու համար։ Նա պետական մարդկանց խորհուրդ էր տալիս քննության ենթարկելու բոլոր կասկածելի անձնավորությունների կերակուրը, իմանալու՝ թե երբ են նրանք ճաշում, ո՞ր կողքի վրա են պառկում, ո՞ր ձեռքովն են սրբում իրենց հետույքը, մանրազնին կերպով զննելու նրանց կղկղանքի գույնի, հոտի, համի, թանձրության, թուլության ու պնդուցյան հիման վրա կարծիք կազմել նրանց մտքի ու նպատակների մասին, որովհետև երբեք մարդն այնքան լուրջ, խորամիտ և կենտրոնացած չի լինում, քան այն ժամանակ, երբ նա նստած է արտաքնոցում, մի բան, որ պրոֆեսորը գիտե իր սեփական փորձից։ Եվ իսկապես, երբ նա այդ վիճակում ցանկացավ, լոկ փորձի համար, մտածել, թե ո՞րն է թագավորին սպանելու լավագույն միջոցը, այն ժամանակ նրա կղկղանքը կանաչավուն ներկով գունավորվեց, և այդ կղկղանքի գույնը միանգամայն այլ էր, երբ նա մտածում էր միայն ապսամբություն բարձրացնելու և մայրաքաղաքը հրդեհելու մասին։
:   Այդ բոլոր դատողությունները գրված են խոր նրբամտությամբ ու պարունակում են պետական մարդկանց համար հետաքրքրական և շահավետ բազմաթիվ դիտողություններ, թեև այդ դիտողություններն ինձ այնքան էլ լրիվ չթվացին։ Ես վստահություն ունեցա հեղինակին ասելու այդ և առաջարկեցի, որ նա բարեհաճի կցել մի քանի հավելումներ։ Նա մեծ հաճույքով ընդունեց իմ առաջարկը, ավելի, քան սովորաբար անում են մեզ մոտ գրողները, մանավանդ նրանք, որոնք աշխատում են ծրագրեր կազմելու վրա, և հայտնեց, թե ուրախությամբ կլսի հետագա հրահանգները։
:   Այն ժամանակ ես նրան ասացի, թե Տրիբնիայի թագավորության մեջ, որ տեղացիների կողմից կոչվում է Լանգդին, ուր ես ապրել եմ մի առժամանակ, իմ կատարած ճանապարհորդուցյունների միջոցին՝ ժողովրդի մեծագույն մասը բաղկացած է հետախույզներից, վկաներից, լրտեսներից, ամբաստանողներից, դատապնդողներից, ականատեսներից, երդվյալներից և նրանց ստորադաս արբանյակներից, որոնք վարձված են մինիստրների և դեպուտատների կողմից։ Այդ թագավորության մեջ դավադրությունը վարպետություն են համարում նրանք, ովքեր ուզում են իրենց մասին եղած նուրբ պոլիտիկոսի համարումը, տոգորել քայքայված իշխանությունը նոր կորովով, խեղդել կամ շեղել ժաղովրդական անբավականությունը, լցնել իրենց գրպանը տուգանքներով և կենդանացնել կամ մեռցնել պետական վարկի հանդեպ եղած վստահությունը, նայած թե դրանցից որն է համապատասխան իրենց սեփական շահին։ Նախ և առաջ նրանք միմյանց հետ համաձայնության են գալիս ու որոշում, թե կասկածելի մարդկանցից որին է հարկավոր ամբաստանել դավադրույան համար․ ապա ամեն ջանք գործ են դնում գրավելու նրանց նամակներն ու թղթերը և ոճրագործներին շղթայակապ անելու։ Այդ թղթերը ներկայացնում են վարպետ մարդկանց, որոնք ճարպկություն ունեն բառերի, վանկերի և տառերի մեջ խորհրդավոր նշանակություն գտնելու։ Զորօրինակ, նրանք երևան հանեցին, որ արտաքնոցի աթոռը նշանակում է գաղտնի խորհրդակցություն,
:   Սագերի երամը ― սենատ,
:   Կաղ շունը ― գահի թեկնածու,
:   Ժանտախտը ― մնայուն զորք,
:   Բվեճը ― առաջին մինիստր,
:   Պադագրան ― քահանայապետ,
:   Կախաղանը ― պետական քարտուղար,
:   Գիշերվա անոթը ― լորդերի կոմիտե,
:   Մաղը ― պալատական տիկին,
:   Ցախավելը ― ռեվոլյուցիա,
:   Մկան թակարդը ― պետական պաշտոն,
:   Անտակ կարասը ― պետական գանձարան,
:   Աղբի հորը ― արքունիք,
:   Միմոսի գդալը ― ֆավորիտ,
:   Կոտրած եղեգը ― դատական պալատ,
:   Դատարկ տակառը ― գնդապետ,
:   Թարախակալ վերքը ― կառավարման սիստեմ։
:   Երբ այդ մեթոդը անբավարար է լինում, այն ժամանակ նրանք դիմում են երկու այլ, ավելի զորավոր մեթոդի, որոնք կոչվում են նրանց գիտնականների կողմից ակրոստիքոս և անագրամ։ Ըստ առաջին մեթոդի՝ նրանք կարող են վերածել բոլոր սկզբնատառերը՝ ըստ քաղաքական իմաստի։ Զորօրինակ՝
:   N ― պիտի նշանակի դավադրություն,
:   B ― հեծելազոր,
:   L ― ծովային նավատորմիղ։
:   Ըստ երկրորդ մեթոդի՝ տեղափոխելով մի որևէ կասկածելի գրության տառերը, նրանք կարող են երևան հանել դժգոհ պարտիայի գաղտնի մտքերն ու նպատակները։ Օրինակ՝ երբ ես իմ ընկերոջը գրած նամակում ասում եմ «Թովմաս եղբայրս մայասիլ ունի ― հմուտ վերծանողը նույն այդ տառերից շինում է մի նախադասություն, թե դավադրությունը երևան է հանված, հարկավոր է ընդդիմադրել և այլն։ Այս էլ անագրամ մեթոդը։
:   Իմ այս դիտողությունների համար պրոֆեսորն ինձ խորին շնորհակալություն հայտնեց և խոստացավ իմ անունն ըստ արժանվույն հիշատակելու իր շարադրության մեջ։
:   Ուրիշ ոչ մի բան այդ երկրում ինձ այլևս չհրապուրեց ավելի երկար մնալու, և ես սկսեցի մտածել Անգլիա վերադառնալու մասին։
 
==Գլուխ յոթերորդ==
:   Հեղինակը հեռանում է Լագադոյից ու գալիս է Մալդոնադո։ Պատրաստի նավ չկա։ Նա կատարում է մի կարճառոտ ճանապարհորդուցյուն դեպի Գլըբբդըբդրիբ։ Կառավարչի ցույց տված ընդունելությունը։
 
:   Այն ցամաքամասը, որի մասն է այս թագավորույթունը, ինչպես ես հիմք ունեմ կարծելու, ընկած է Ամերիկայի անծանոթ երկների արևելյան կողմը, Կալիֆորնիայից դեպի արևմուտք ու Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս․ այդ օվկիանոսից մոտ հարյուր հիսուն մղոն հեռավորության վրա գտնվում է Լագադոն, ուր կա հիանալի նավագանգիստ, որն առևտրական գործերով կապված է հյուսիս֊արևմտյան մասում՝ հյուսիսյին լայնության 29 աստիճանի և երկայնության 140 աստիճանի վրա գտնվող Լըգգնեգգ խոշոր կղզու հետ։ Այս Լըգգնեգգ կղզին ընկած է Ճապոնիայի հարավ֊արևելյան կողմը, մոտ հարյուր լիգ հեռավորության վրա։ Ճապոնիայի կայսեր և Լըգգնեգգի թագավորի միջև գոյություն ունի սերտ բարեկամություն, որի շնորհիվ այդ երկու կղզիները մշտական կապ ունեն։ Ուստի ես որոշեցի այդ ճանապարհը բռնել՝ Եվրոպա վերադառնալու նպատակով։ Ես վարձեցի երկու ջորի, ճանապարհը ցույց տվող մի առաջնորդ ու փոխադրեցի իմ ճանապարհորդական թեթև իրերը։ Ես հրաժեշտ տվեցի իմ ազնիվ հովանավորին, որը դեպի ինձ այնքա՜ն սիրալիր էր, և իմ մեկնելու ժամանակ թանկագին նվերներ էր պարգևել։
:   Իմ ճանապարհորդուցյունը տեղի ունեցավ առանց որևէ դիպվածի կամ արկածի, որոնց մասին կարիք լիներ պատմելու։ Երբ ես հասա Մալգոնադո նավահանգիստը (այդպես էր անունը)՝ ափին Լըգգնեգգ մեկնող ոչ մի նավ չկար և ոչ էլ շուտով պիտի լիներ։ Քաղաքը մոտավորապես Պորտսմուտի չափ էր։ Շուտով ես ձեռք բերի որոշ ծանոթուցյուններ, և ինձ մեծ հյուրասիրությամբ ընդունեցին։ Մի անվանի պարոն ինձ ասաց, թե քանի որ Լըգգնեգգ մեկնող նավը մի ամսից առաջ պատրաստ չի լինի, ուստի ինձ համար անհաճո բավականություն չէր լինի, եթե ես մի փոքրիկ պտույտ կատարեի դեպի Գլըբբդըբդրիբ կղզին, որ գտնվում է հարավ֊արևմտյան ուղղությամբ մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Նա ասաց, որ ինքն ու իր բարեկամը կընկերակցեն և ճանապարհորդության համար ինձ կտրամադրեն մի փոքրիկ հարմար առագաստանավ։
:   Գլըբբդըբդրիբ, որքան կարողացա ես մեկնել այդ խոսքը, նշանակում է վհուկների և կախարդների կղզի։ Նա մոտավորապես Ուայտ կղզու մի երրորդի չափ է և չափազանց բերրի։ Նրա կառավարիչը կախարդների ցեղապետն է։ Այդ կղզու բնակիչներն ամուսնանում են միմիայն իրար հետ և ժառանգների մեջ ամենից մեծը դառնում է թագավոր կամ կառավարիչ։ Թագավորն ունի մի հոյակապ պալատ, երեք հազար ակր մեծության մի պուրակ, որ շրջապատված է քսանչորս ոտնաչափ բարձրության տաշած քարից շինած պարսպով։ Այդ պուրակում կան մի քանի ցանկապատած տեղեր՝ անասունների, հացահատիկների և այգիների համար։
:   Այդ կառավարչի սպասավորները և նրանց ընտանիքները մի քիչ արտասովոր տեսք ունեն։ Հոգեհարցություն քաջ գիտենալու շնորհիվ կառավարիչն ըստ իր ցանկության զորավոր է կանչելու մեռածներին և ստիպելու նրանց՝ ծառայել իրեն քսանչորս ժամից ոչ ավելի․ սակայն նույն ննջեցյալին նա չի կարող երեք ամիսը մի անգամից ավելի հաճախ կանչել, բացառությամբ արտակարգ դեպքերի։ Երբ մենք առավոտյան ժամը մոտ 11֊ին հասանք կղզին, ինձ առաջնորդող պարոններից մեկը գնաց կառավարչի մոտ ու խնդրեց ընդունելու մի օտարականի, որ եկել է կղզին նորին մեծությանը ներկայանալու պատվին արժանանալու համար։ Կառավարիչն անմիջապես տվեց իր համաձայնությունը, և մենք երեքս ներս մտանք պալատը, անցնելով երկու շարք պահակների արանքով, որոնց սպառազինումն ու հագուստը շատ հին տեսակի էր, կերպարանքներն այնաքան սարսափելի, որ ես արտահայտել չեմ կարող։ Մենք անցանք մի քանի սենյակների միջով, նույն տեսակի սպասավորների կողքով, մինչև որ հասանք ընդունարանը, ուր երեք անգամ խորը գլուխ տալուց և մի քանի սովորական հարցուփորձից հետո՝ մենք թույլտվություն ստացանք նստելու նորին մեծության գահի ստորին աստիճանի մոտ՝ երեք աթոռակի վրա։ Նա հասկանում էր Բալնիբարբի կղզու լեզուն, թեև այդ լեզուն մի փոքր տարբեր էր։ Նա ցանկացավ, որ ես որոշ տեղեկություն տամ իմ ճանապարհորդուցյան մասին․ և ցույց տալու համար, որ նա ինձ հետ պիտի վարվի առանց որևէ ձևականության՝ մատի շարժումով նա ազատ արձակեց բոլոր ներկա եղողներին, որից հետո, ի մեծ զարմանս իմ, նրանք մի ակնթարթում անհետացան, ինչպես երազը, երբ մենք հանկարծակի արթնանաում ենք։ Ես մի առժամանակ չկարողացա ուշքի գալ, մինչև որ կառավարիչը հավատացրեց ինձ, որ ինձ ոչ մի վտանգ չի սպառնում․ տեսնելով, որ իմ երկու ընկերակիցները, որոնք վարժվել էին ընդունելության այդ ձևին, ոչ մի անհանգստություն չեն ցույց տալիս՝ մի փոքր զգաստացա ու նորին մեծությանը համառոտ պատմեցի իմ մի քանի արկածների մասին, տակավին չկարողանալով զսպել իմ հուզմունքը և հաճախ ետ նայելով դեպի այն տեղը, ուր ես տեսա ուրվական ծառաներին։ Ես բախտ ունեցա ճաշելու կառավարչի հետ միասին, երբ ուրվականների մի նոր շարք սպասարկում էր մեզ ու հոգ տանում սեղանին։ Այժմ արդեն ես ինձ ահաբեկված չէի զգում, ինչպես առավոտյան։ Ես մնացի այդտեղ մինչև արևի մուտքը և խոնարհաբար խնդրեցի նորին մեծությանը՝ ներել ինձ, որ չպիտի ընդունեմ նրա հրավերը՝ գիշերելու պալատում։ Իմ երկու բարեկամներն ու ես գիշերն անց կացրինք մի մասնավոր տան մեջ՝ քաղաքում, ուր այդ փոքրիկ կղզու մայրաքաղաքն էր․ և մյուս օրն առավոտյան մենք նորից եկանք կառավարչի մոտ՝ մատուցելու մեր հարգանաց հավաստիքը և մեզ դնելու նրա տրամադրության տակ։
:   Այսպես մենք անցկացրինք մեր ժամանակը ամբողջ տասն օր, օրվա մեծ մասը լինելով կառավարչի հետ, իսկ գիշերները՝ մեր օթևանում։ Շուտով ես այնքան վարժվեցի այս ոգիներին, որ երրորդ թե չորրորդ օրից հետո նրանք ինձ վրա այլևս չէին ազդում․ կամ թե չէ եթե անգամ իմ մեջ լինում էր որևէ ահ, հետաքրքրությունս հաղթում էր նրան։ Այդ նկատելով նորին մեծություն կառավարիչն առաջարկեց, որ ես տամ աշխարհի սկզբից մինչև այժմ մեռած մարդկանց ուզածս քանակի անուններ, ու հրամայեց նրանց պատասխանել այն բոլոր հարցերին, որ ես կտայի, միայն այն պայմանով, որ իմ հարցերը կապ չունենան նրանց կենդանության օրով տեղի ունեցած անցքերի հետ։ Համենայն դեպս ես կարող եմ վստահ լինել, որ նրանք ինձ անկասկած ճշմարտությունը պիտի ասեն, որովհետև հանդերձյալ կյանքում ստախոսությունը մի անպետք արվեստ է։
:   Ես հայտնեցի նորին մեծությանն իմ խորին շնորհակալությունը նրա ցույց տված մեծագույն շնորհի համար։ Մենք գտնվում էինք մի սենյակում, որտեղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի պուրակը։ Եվ որովհետև ես տրամադիր էի զվարճանալու շքեղ և հոյակապ տեսարաններով, ուստի ցանկացա տեսնել Ալեքսանդր Մեծին Արբելայի ճակատամարտից հետո, անմիջապես իր զորքի գլուխին կանգնած։ Եվ ահա, կառավարչի մատի շարժումով նա անմիջապես երևաց դաշտում, պատուհանի տակ, որի մոտ մենք կանգնել էինք։ Ալեքսանդրը հրավիրվեց սենյակ։ Շատ դժվար էր հասկանալ նրա հին հունարենը և նա էլ դժվար էր հասկանում ինձ։ Նա երդվեց ինձ իր պատվով, որ իրեն չեն թունավորել, այլ որ ինքը մեռել է տենդացավից, խիստ հարբեցողության հետևանքով։
:   Ապա ես տեսա Հաննիբալին Ալպյան լեռներն անցնելիս․ նա հայտարարեց ինձ, որ իր ճամբարում ոչ մի կաթիլ քացախ չի ունեցել։
:   Ես տեսա Կեսարին ու Պոմպեոսին՝ իրենց զորքի գլուխին անցած, կռվի պատրաստ։ Ես տեսա նաև Կեսարին իր վերջին հաղթանակի ժամանակ։ Ես ցանկացա, որ Հռոմի սենատը երևան գա մի ընդարձակ սենյակում, իսկ համեմատության համար, մի ուրիշ սենյակում՝ վերջին ժամանակների պառլամենտը։ Առաջինը կարծես թե հերոսների և կիսաստվածների մի հավաքույթ էր, իսկ երկրորդը՝ չարչիների, գրպանահատների, ավազակների և ամբարտավանների մի խմբակ։
:   Իմ խնդրի համաձայն կառավարիչը նշան արավ, որ Կեսարն ու Բրուտոսը մոտենան մեզ։ Բրուտոսին տեսնելով ես լցվեցի անհուն պատկառանքով ու նրա դեմքի ամեն մի գծից հեշտությամբ կարողացա նկատել կատարյալ առաքինությունը, անսահման անվեհերությունն ու հոգեկան կորովը, իսկական հայրենասիրությունն ու բայրացակամությունը մարդկության հանդեպ։ Մեծ հաճույքով ես նկատեցի, որ այդ երկու անձերի հարաբերությունը միմյանց հետ շատ լավ է, ու Կեսարն անկեղծորեն խոստովանեց ինձ, որ իր կյանքի ամենամեծ գործերը երբեք չեն կարող հավասարվել հաղթանակների հետ այն մարդու, որ խլեց իր կյանքը։ Ես բախտ ունեցա երկար ժամանակ խոսել Բրուտոսի հետ․ նա ի միջի այլոց ինձ հաղորդեց, որ իր նախահայրերը՝ Յունիոսը, Սոկրատեսը, Եպամինոդասը, Կատոն Կրտսերը, սեր Թոմաս Մորը և ինքը շարունակ միասին են լինում․ մի վեցյակ, որին աշխարհի բոլոր ժամանակները չեն կարողանում կցել յոթերորդին։
:   Ես կհոգնեցնեի ընթերցողին, եթե պատմեի, թե թագավորը քանի՜֊քանի՜ հռչակավոր մարդկանց կանչեց, որպեսզի գոհացնի իմ անհագ ցանկությունը՝ տեսնելու աշխարհն իր հնագույն պատմության բոլոր շրջաններով։ Առավելապես ես հրճվում էի, երբ դիտում էի բռնակալների ու հափշտակիչների ոչնչացնողներին ու ընկճված ու իրավազուրկ ժողովուրդների ազատությունը վերականգնողներին։ Սակայն ինձ համար անհնար է ստացած հաճույքս արտահայտել մի այնպիսի պատշաճ ձևով, որ կարելի լինի ընթերցողի ուշադրությունը գրավել։
 
==Գլուխ ութերորդ==
:   Գլըբբդըբդրիբի նկարագրության շարունակությունը։ Հնագույն և ժամանակակից պատմության սրբագրությունը։
 
:   Ցանկանլով տեսնել հնագույն ժամանակների մարդկանց, որոնք հռչակվել են իրենց խելքով ու գիտությամբ՝ որոշեցի այդ նպատակի համար հատկապես մի օր նվիրել։ Ես մտադրություն ունեի կանչելու Հոմերոսին և Արիստոտելին՝ իրենց բոլոր մեկնիչների հետ միասին, սակայն վերջինների թիվն այնքան շատ էր, որ նրանցից մի քանի հարյուր հոգի ստիպված էին սպասել բակում ու պալատի մյուս սենյակներում։ Առաջին հայացքից ես ճանաչեցի այդ երկու հերոսներին և զատեցի նրանց ոչ միայն ամբոխից, այլև մեկը մյուսից։ Հոմերոսն ավելի բարձրահասակ էր ու վայելչակազմ, քան Արիստոտելը, նայած իր տարիքին քայլում էր ուղղահայաց, իսկ նրա աչքերը չափազանց աշխույժ և թափանցող էին։ Արիստոտելը բավականին կորաքամակ էր և ձեռնափայտ էր գործածում։ Նրա դեմքը նիհար էր, մազերը՝ երկար ու նոսր, ձայնը խորունկ։ Շուտով ես նկատեցի, որ այդ երկու մեծ անձանց համար միանգամայն օտար էին մյուս ընկերակիցները, որոնց նրանք ոչ տեսել էին և ոչ էլ նրանց մաասին լսել։ Ուրվականներից մեկը, որի անունը չպիտի տամ, ականջիս ասաց, թե այդ մեկնիչներն այն աշխարհում իրենց պրինցիպալներից բավական տարածության վրա միշտ քաշված են պահում իրենց՝ ամոթի ու մեղավորության զգացմունքից դրդված, որովհետև նրանք սոսկալի աղավաղել են ապագա սերնդի համար այդ հեղինակների գրվածքների ինաստը։ Ես ծանոթացրի Դիդիմոսին ու Էվստատիոսին Հոմերոսի հետ և վերջինիս համոզեցի, որ նրանց հետ ավելի լավ վարվի, քան թերևս հարկավոր է, որովհետև նա շատ շուտ հասկացավ, որ այդ մեկնիչները չունեն բանաստեղծի ոգին ըմբռնելու ընդունակություն։ Բայց Արիստոտելը կորցրեց իր համբերությունը, երբ ես ներկայացրի նրան Սկոտուսին և Ռամուսին և սկսեցի պատմել նրանց հայացքների մասին․ նա հարցրեց, թե մի՞թե մեկնիչների մնացած ցեղն էլ այդքան ապուշ է, որքան այդ երկուսը։
:   Այնուհետև ես խնդրեցի կառավարչին, որ նա կանչի Դեկարտին ու Գասենդիին, որոնց առաջարկեցի բացատրել իրենց սիստեմներն Արիստոտելին։ Այդ մեծ փիլիսոփան անկեղծորեն խոստովանեց իր սխալները բնափիլիսոփայության բնագավառում, որովհետև նրա դատողությունները հաճախ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ինչպես կատարում է յուրաքանչյուր ոք․ նրա կարծիքով թե՛ Գասենդին, որ Էպիկուրի վարդապետությունը վերամշակել է ըստ ժամանակակից ճաշակի, և թե՛ Դեկարտը՝ իր հողմերի տեսությամբ հավասարապես կժխտվեն հետագա սերունդների կողմից․ նա գուշակեց, որ նույն բախտին պիտի արժանանա ձգողականության տեսությունը, որ այդպիսի եռանդով պաշտպանում են ժամանակակից գիտնականները։ Նա ասաց, որ բնագիտական նոր սիստեմները, ինչպես նորաձևությունը, փոփոխության են ենթարկվում սերնդից սերունդ և մինչև անգամ նրանք, ովքեր ուզում են ապացուցել այդ սիստեմները մաթեմատիկական մեթոդներով՝ հաջողություն են ունենում շատ կարճ ժամանակ և մոդայից ընկնում են, երբ հասնում է ճակատագրի կողմից սահմանված ժամը։
:   Մյուս հնագույն գիտնականների հետ ունեցած խոսակցությանը ես նվիրեցի հինգ օր։ Ես տեսա հռոմեական առաջին կայսրներից շատերին։ Կառավարչին ես թախանձեցի, որ նա կանչի Հելիոգաբալուսի խոհարարներին, որպեսզի նրանք ճաշ պատրաստեն մեզ համար, սակայն նրանք չկարողացան ցույց տալ իրենց հմտությունը մթերքների պակասության պատճառով։ Ագեսիկաուսի ստրուկներից մեկը պատրաստեց սպարտական մի արգանակ, որի համը տեսնելուց հետո, երկրորդ գդալը չկարողացա կուլ տալ։
:   Ինձ դեպի կղզին ուղեկցող երկու ջենտլմենները, իրենց մասնավոր գործերի հանգամանքով, ստիպված էին երեք օրից հետո վերադառնալ տուն։ Այդ օրերին ես տեսա ժամանակակից մեծ մարդկանցից ոմանց, որոնք վախճանվել էին վերջին երկու կամ երեք դարերի ընթացքում և խոշոր դեմքեր էին թե՛ մեր և թե՛ եվրոպական ուրիշ երկրներում։ Իբրև մշտական երկրպագու հնադարյան նշանավոր տոհմերի՝ ես կառավարչին խնդրեցի, որ նա կանչի մի կամ երկու տասնյակ թագավոր՝ իրենց նախահայրերով հանդերձ, թվով ութ կամ տասը սերունդ։ Սակայն հուսախաբությունս ցավագին ու անակնկալ եղավ։ Փոխանակ մի շարք արքայազուն թագակիրների՝ ես տեսա մի տոհմի պատկանող երկու ջութակահարների, երեք ճարպիկ պալատականի և մի իտալական եպիսկոպոսի։ Մյուս շարքում՝ մի սաբրիչի, մի աբբայի և երկու կարդինալի։ Սակայն թագակիր գլուխների հանդեպ ես մեծ պատկառանք ունեմ, որպեսզի ավելի երկար կանգ առնեմ այս նրբանկատ նյութի վրա։ Իսկ ինչ վերաբերում է կոմսերին, մարկիզներին, դքսերին և այլոց՝ ես չէի խճահարվի։ Խոստովանում եմ՝ ոչ առանց հաճույքի ես հետազոտեցի որոշ հռչակավոր տոհմերի առանձնահատուկ դիմագծերը՝ մինչև նրանց նախատիպերը։ Եվ պարզ երևան հանեցի, թե որտեղի՞ց են առաջանում մի տոհմի մեջ երկար դնչերը, ինչու՞ մյուս տոհմի երկու սերնդի մեջ առատ են սրիկաները, իսկ հետագա երկու սերնդի մեջ ապուշները․ ինչու՞ երրորդ տոհմի մեջ շատ էին խելագարները, իսկ չորրորդի մեջ՝ անպիտանները։ Ինչպե՞ս բացատրել Պոլիդոր Վիրգիլիոսի մի մեծ տոհմի մասին ասած խոսքերը․ «Nec vir fortis, nec foemina casta»։ Ինչպե՞ս է, որ դաժանությունը, նենգությունն ու երկչոտությունը դառել են հատկանիշ մի քանի նշանավոր տոհմերի համար, ավելի, քան նրանց զինանշանը։ Ո՞վ է առաջին անգամ այդ ազնիվ տոհմի մեջ բերել սիֆիլիսը, որ հետո անցել է հետագա սերնդին իբրև խուլավոր ուռուցք։ Այդ ամենն ինձ այլևս զարմանք չէր պատճառում․ երբ ես տեսա, որ նրանց սերունդների շառավիղներն ընդհատել են մանկլավիկները, սպասավորները, ծառաները, կառապանները, խաղամոլները, ջութակահարները, դերասանները։
:   Ավելի ևս զզվանք պատճառեց ինձ ժամանակակից պատմությունը։ Մանրամասն ուսումնասիրելով վեջին հարյուր տարավա թագավորական արքունիքներում մեծ անուն հանած անձերը, ես երևան հանեցի, թե պոռնկացած գրչակներն ինչպիսի թյուրիմացության մեջ են ձգել աշխարհը՝ ռազմական խոշոր քաջագործությունները վերագրելով երկչոտներին, իմաստուն խորհուրդները՝ տխմարներին, անկեղծությունը շողոքորթներին, հռոմեական առաքինությունը՝ հայրենիքի դավաճաններին, բարեպաշտությունը՝ անաստվածներին, ողջախոհությունը՝ արվագետներին, ճշմարտախոսությունը՝ լրտեսներին։ Քանի՜֊քանի՜ անմեղ և ընտիր մարդիկ մահվան կամ աքսորի են դատապարտվել շնորհիվ խոշոր մինիստրների մեքենայությունների, որոնք կաշառել են դատավորներին, և պարտիական չարամտության։ Քանի՜֊քանի՜ անզգամներ բարձր դիրքի են հասել և արժանացել վստահության, իշխանության, պատվի՝ ու շահ ձեռք բերել․ ինչպիսի՝ խոշոր մասնակցություն են ունեցել պալատների, պետական խարհուրդների և սենատների անց ու դարձին կավատները, պոռնիկները, մակաբույծներն ու միմոսները։ Ինչպիսի՜ ստոր կարծիք կազմեցի մարդկային իմաստության և ուղղամտության մասին, երբ ես ճշգրիտ կերպով տեղեկացա աշխարհի կարևոր դեպքերի և ռևոլյուցիաների զսպանակներին և շարժառիթներին և այն աննշան դիպվածներին, որոնց պարտական են նրանք իրենց հաջողության համար։
:   Այդտեղ ես երևան հանեցի անբարեխղճությունն ու տգիտությունն այն մարդկանց, որոնք հավակնություն ունեն գրելու մանրավեպեր և գաղտնի հիշատակարաններ, որոնք այնքա՜ն թագավորներ են ուղարկել մյուս աշխարհը՝ տալով նրանց թույնով լիքը բաժակներ, որոնք պատմել են ուզում թագավորի և առաջին մինիստրի խոսակցությունները, երբ նրանց մոտ ոչ մի վկա չի եղել․ որոնք պարզում են դեսպանների և պետական քարտուղարների մտքերն ու խորհուրդները և շարունակ դժբախտություն ունենում սխալվելու։ Այդտեղ ես երևան հանեցի գաղտնի պատճառները բազմաթիվ նշանավոր դեպքերի, որ ապշեցրել են աշխարհը, թե ինչպե հոմանուհին կարող է ղեկավարել գաղտնի սանդուղքը, գաղտնի սանդուղքը՝ մինիստրների խորհուրդը, մինիստրների խորհուրդը՝ սենատը։ Մի գնդաապետ իմ ներկայությամբ խոստովանեց, որ մի անգամ հաղթանակել է պարզե ի պարզ իր երկչոտության և վատ առաջնորդության շնորհիվ․ իսկ մի ծովակալ խոստովանեց, որ տեղեկուցյունների բացարձակ բացակայության շնորհիվ նա ջարդել է թշամուն, մինչդեռ մտադրություն ուներ անձնատուր լինել իր նավատորմիղով։ Երեք թագավոր ինձ հայտարարեցին, որ իրենց թագավորության ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի անգամ մեկին պաշտոն չեն հանձնել ըստ իր արժանիքների, բացի այն դեպքերից, երբ նրանք սխալվել են կամ իրենց վստահած մինիստրներից մեկը դավաճանել է և երբեք նրանք այդպիսի սխալ չէին գործի, եթե մի անգամ էլ ապրեին ու թագավորեին․ նրանք ամենայն համոզմունքով ապացուցում էին ինձ, որ թագավորական գահը չի կարող հաստատ մնալ առանց բարքերի ապականության, որովհետև դրական, վստահ և համառ բնավորությունը, որոնք առաքինություն ստղծողն են մարդու մեջ, մշտական արգելք են հանդիսանում պետական գործերում։
:    Ես հետաքրքրվեցի ստույգ իմանալու, թե ի՞նչ ձևով են շատերը հասնում բարձր տիտղոսների և ստանում վիթխարի կալվածքներ։ Իմ հարձուփորձը սահմանափակեցի մոտիկ ժամանակների շրջանակով, սակայն առանց ներկան շոշափելու, վախենալով թե միգուցե վիրավորանք հասցնեմ օտարերկրացիներին (քանի որ, հույս ունեմ, ընթերցողին կարիք չկա ասելու, որ այդ առիթով իմ բոլոր ասածները ոչ մի կապ չունեն իմ հայրենիքի հետ)։ Իմ խնդրի համաձայն կանչվեց երևելի մարդկանց մի ահագին բազմություն, և մակերեսային հարցուփորձերից ես երևան հանեցի մի այնպիսի անարգ տեսարան, որին ես հանգիստ կերպով անդրադառնալ չեմ կարող։ Երդմնազանցությունը, հարստահարությունը, կաշառակերությունը, խաբեբայությունը, կավատությունը և նման գարշանքները նրանց հիշածների մեջ ամենաներելի արվեստներն էին, ուստի և ես, հասկանալի պատճառով, ներողամիտ վերաբերմունք ցույց տվի։ Բայց երբ նրանցից ոմանք խոստովանեցին ինձ, որ իրենց փառքն ու հարստությունը ձեռք են բերել շնորհիվ կավատության ու ազգապղծության, մյուսները՝ իրենց կանանց և աղջիկների վաճառքով, երրորդ կարգի մարդիկ՝ դավաճանելով իրենց հայրենիքին ու թագավորին, չորրորդը՝ ոմանց թունավորելով, իսկ մեծագույն մասը՝ խախտելով արդարությունը՝ անմեղին կործանելու համար ― այդ հայտնաբերումները, կարծեմ կներեք ինձ, մի փոքր նսեմացրին իմ այն խոր պատկառանքը, որ ես ի բնե տածում էի դեպի բարձր դիրք ունեցող անձինք, որոնք իրենց վսեմ առաքինությունների համար պետք է որ արժանանային իրենցից ավելի ստորադաս մարդկանց մեծարանքին։
:    Հաճախ ես կարդացել եմ թագավորին և պետությանը մատուցած մեծ ծառայությունների մասին, ուստի իմ մեջ ցանկություն առաջացավ տեսնելու այդ ծառայությունները մատուցած մարդկանց։ Հարցուփորձից իմացա, որ նրանց անուններն անհնար է գտնել, բացի մի քանիսների անուններից, որոնք պատմության կողմից հռչակված են իբրև անարգ սրիկաներ և դավաճաններ։ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ես նրանց մասին ոչինչ չլսեցի։ Նրանք ամենքը երևան եկան վհատված տեսքով և վատ հագուստներով, ըստ մեծի մասին հայտարարելով, որ իրենք մեռել են թշվառության մեջ և անպատիվ կերպով, իսկ շատերը՝ կառափնատի ու կախաղանի վրա։
:    Նրանց մեջ կար մեկը, որի վիճակը մի փոքր բացառիկ էր։ Նրա կողքին կանգնած էր մի տասնութ տարեկան պատանի։ Նա ինձ ասաց, թե նա շատ տարիներ եղել է նավի պետ, ու Ակտիումի ծովային պատերազմին բախտ է ունեցել ճեղքելու թշնամու նավատորմիղի շարքը, ընկղմելու նրա երեք խոշոր նավերը, իսկ չորրորդը գերուցյան վերցնելու, որի պատճառով Անտոնիուսը փախուստի է դիմել, իսկ պատերազմը ավարտվել է հաղթանակով։ Իսկ նրա կողքին կանգնած պատանին իր միակ զավակն է եղել, որ սպանվել է այդ գրոհի ժամանակ։ Նա ավելացրեց, որ վստահելով իր արժանիքներին, պատերազմը վերջանալուց հետո, Հռոմ վերադառնալով Ավգուստոսի արքունիքը գնաց և խնդրեց, որ իրեն հանձնեն մի խոշոր նավ, որի կապիտանը սպանված էր․ բայց նրա խնդիրքին ուշադրություն չդարձրին և նավը հանձնեցին մի պատանու, որ կայսեր հարճեերից մեկի սպասուհու՝ Լիբերտինայի որդին էր և երբեք ծովի երես չէր տեսել։ Իր նավը վերադառնալուց հետո արժանավոր մարդուն մեղադրեցին պարտազանցության համար ու նրա նավը տվին ծովակալի տեղապահ Պուրլիկոլայի սիրած մանկլավիկներից մեկին․ դրանից հետո նա քաշվեց Հռոմից բավական հեռու գտնվող մի աղքատ ֆերմա, ուր և գտավ իր կյանքի վախճանը։ Ես այնքա՜ն հետաքրքրվեցի իմանալու այդ պատմության իսկությունը, որ որ խնդրեցի կանչել Ագրիպպային, որն այդ պատերազմի ժամանակ ծովակալ էր։ Հայտնվելով նա հաստատեց այդ պատմության իսկությունն ու ավելացրեց մի քանի մանրամասնություններ հոգուտ կապիտանի, որը համեստորեն իր արժանիքների խոշոր մասը կամ նվազեցրել էր կամ թաքցրել։
:    Ինձ զարմացրեց այդ կայսրության մեջ եղած զեխությունների արագ և անչափ աճումը, որ հետևանք էր վերջին ժամանակները մուտք գործած շռայլության։ Դա արդեն առիթ տվեց ինձ, որ ես ավելի պակաս չափով զարմանամ նման երևույթների վրա ուրիշ երկրներում, որտեղ զանազան անառակություններ տիրում են ավելի երկար ժամանակ և ուր թե՛ փառքը, թե՛ ավարը պատկանում են գլխավոր հրամանատարներին, որոնք, թերևս, ամենից նվազ իրավունք ունեն թե՛ մեկի և թե մյուսի նկատմամբ։
:    Քանի որ մյուս աշխարհից կանչված ամեն մի անձ նույն կերպարանքն ուներ, ինչ որ կենդանի ժամանակ, ուստի ինձ պաշարեցին մելամաղձոտ խոհեր, երբ դիտեցի, թե մարդկությունը ո՜ր աստիճանի այլասերված է եղել վերջին դարերի ընթացքում։ Թե վեներական ախտն իր բոլոր հետևանքներով ու տեսակներով որքա՜ն է փոխել անգլիացու դիմագծերը, փոքրացրել նրա հասակը, քայքայել ջղերը, թուլացրել նյարդերն ու մկանները, դարձրել նրա դեմքը գունատ, իսկ մարմինը՝ մեղկ ու մգլած։
:    Ես այնքան նվաստացա, որ խնդրեցի կանչել հին տիպի անգլիական ագարակատերերին, որոնք երբեմն հայտնի էին իրենց պարզ բարքով, ապրուստով ու հագուստով, առևվտրի մեջ ունեցած ազնվությամբ, իսկական ազատասիրությամբ, քաջությամբ և հայրենասիրությամբ։ Ես ինձ ընկճված զգացի, երբ համեմատեցի կենդանի մարդկանց՝ մեռածների հետ և տեսա, թե մի կտոր դրամի համար այդ բոլոր մաքուր և հայրենի առաքինությունները որքա՜ն են ապականվել թոռների կողմից, որոնք պառլամենտական ընտրությունների ժամանակ, վաճառելով իրենց քվեները, ձեռք են բերել ամեն տեսակի մոլություններ ու զեխություններ՝ ընդօրինակելով այդ ամենն արքունիքից։
 
==Գլուխ իններորդ==
:    Հեղինակը վերադառնում է Մալդոնադո։ Այդտեղից նավով գնում է Լըգգնեգգի թագավորությունը։ Հեղինակին բանտարկում են։ Նրան տանում են արքունիք։ Ընդունելության ձևերը։ Թագավորի քաղցրաբարո վերաբերմունքը դեպի իր հպատակները։
 
:    Երբ վրա հասավ մեր մեկնելու օրը՝ ես հրաժեշտ տվի Գլըբբդըբդրիբի նորին մեծության կառավարչին և իմ զույգ ուղեկիցների հետ միասին վերադարձա Մալդոնադո, որտեղ երկու շաբաթ սպասելուց հետո, նավ նստեցինք դեպի Լըգգընեգգ։ Երկու իմ ընկերները և ուրիշ մի քանի հոգի այնքան սիրալիր գտնվեցին, որ ինձ համար ուտելիքի պաշար բերին և ինձ ճանապարհեցին դեպի նավը։ Իմ ճանապարհորդուցյունը տևեց մի ամիս։ Հանդիպեցինք մի կատաղի փոթորկի, որ ստիպեց մեզ արևմտյան ուղղությունը բռնել՝ հասարակածաին քամիների տակ ընկնելու համար, որոնք ընդգրկում էին վաթսուն լիգ տարածություն։ 1708 թվի ապրիլի 21֊ին մենք մտանք Կլըմեգնիդ գետը, որի գետաբերանը ծառայում է իբրև նավահանգիստ՝ ընկած Լըգգնեգգի հարավ֊արևելյան ծայրում։ Քաղաքից մեկ լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք և նշան արինք, որ մի նավաստի գա։ Կես ժամ չանցած երկու հոգի եկան ու դժվարանց խարակների միջով մեզ տարան մի ընդաձակ ծովախորշ, ուր նավերն ապահով կերպով կարող են կանգ առնել քաղաքի պարիսպներից մի պարանաչափ տարածության վրա։ Մեր նավաստիներից մի քանիսը, նենգամտությամբ թե անփութությամբ, հայտնեցին, որ նավի վրա մի օտարական և հայտի ճանապարհորդ կա։ Մեր առաջնորդները հաղորդեցին այդ լուրը մաքսատան պաշտոնյաին, որն ինձ խիստ հարցաքննության ենթարկեց, երբ ես ծովափ հասա։ Նա ինձ հետ խոսում էր Բալնիբարբի լեզվով, որ աշխույժ առևտրական կապերի շնորհիվ ծանոթ էր այդ քաղաքին, մանավանց նավաստիներին ու մաքսատան ծառայողներին։ Ես համառոտ կերպով պատմեցի մի քանի արկածներ իմ ճանապարհորդուցյուններից, աշխատելով իմ ասածներին տալ հավատալի և պատշաճ բնույթ։ Սակայն հարկավոր համարեցի թաքցնելու իմ ազգությունը և ասելու, որ հոլանդացի եմ, որովհետև ես մտադրություն ունեի գնալ Ճապոնիա, ուր, ինչպես հայտնի է, բոլոր եվրոպացիներից միայն հոլանդացիներն ունեն իրավունք մուտք գործելու։ Ուստի ես մաքսատան պաշտոնյային ասացի, որ երբ մեր նավը Բալնիբարբիի ափերի մոտ խորտակվեց, ես ընկա մի ժայռի վրա, որտեղից բարձրացա Լապուտա կամ թռչող կղզին (որի մասին նա հաճախ առիթ էր ունեցել լսելու), իսկ այժմ փորձում եմ գնալ Ճապոնիա, իսկ այնտեղից գուցե հնարավորություն ունենամ վերադառնալու իմ հայրենիքը։ Պաշտոնյան պատասխանեց, թե մինչև պալատից կարգադրություն ստանալը պետք է ինձ բանտարկի և անմիջապես հաղորդի՝ ուր հարկն է, և հույս ունի, որ երկու շաբաթում պատասխանը կստանա։ Ինձ տվին մի հարմար օթևան, որի մուտքի մոտ կանգնեց պահակը։ Սակայն ինձ թույլ տվին զբոսանքի դուրս գալ մի ընդարձակ պարտեզ․ հետս վարվում էին բավական մարդավայել և իմ ապրուստը հոգում էին ի հաշիվ թագավորի։ Բազմաթիվ մարդիկ թույլտվություն էին խնդրում ինձ այցելելու, ըստ մեծի մասին հետաքրքրությունից դրդված, որովհետև լուր էին տարածել, որ ես եկել եմ շատ հեռավոր երկրներից, որոնց գոյության մասին նրանք ամենևին չէին լսել։
:    Իբրև թարգման՝ ես վարձեցի մի երիտասարդ, որ եկել էր միևնույն նավով․ նա Լըգգնեգգում էր ծնվել, բայց մի քանի տարի ապրել էր Մալդոնադոյում և երկու լեզվին էլ կատարելապես տիրապետում էր։ Նրա օգնությամբ ես կարողացա խոսել ամենքի հետ, որոնք գալիս էին ինձ այցի, սակայն ամբողջ խոսակցությունը բաղկացած էր նրանց հարցերից և իմ պատասխաններից։
:    Մեր սպասած ժամանակին արքունիքից եկավ նամակը։ Այդ նամակում հրաման կար շքախմբով և տասը ձիավորներով ուղարկել ինձ Տրալդրեգդըբ կամ Տրիլդրոդրիբ (որքան հիշում եմ՝ այդ անունը երկու տեսակ է հնչում)։ Իմ ամբողջ շքախումբը բաղկացած էր այդ խեղճ պատանի թարգմանից, որին ես համոզեցի ինձ ծառայելու, և իմ խոնարհ խնդրով ամեն մեկիս տվին մի֊մի ջորի հեծնելու համար։ Մեր մեկնելուց կես օր առաջ մի սուրհանդակ ուղարկեցին՝ թագավորին իմաց տալու իմ գալուստը և խնդրելու, որ նա բարեհաճի նշանակոլու այն օրն ու ժամը, երբ ես պատիվ կունենամ լիզելու նրա ոտնաթոռի առջևի փոշին։ Այդպես էր տեղիս արքունիքի ոճը և ես փորձով համոզվեցի, որ դա մի հասարակ ձևականություն չէր։ Արդարև, գալուց երկու օր հետո, ընդունելուցյան ժամին, ինձ հրամայեցին փորի վրա սողալով առաջ գալ և լիզել ճանապարհի փոշին։ Բայց ի նկատի ունենալով իմ օտարական լինելը, հոգ էին տարել սրբելու հատակն այնքան մաքուր, որ վրայի փոշին շատ աննշան էր։ Դա մի բացառիկ շնորհ էր, որ ցույց էին տալիս միայն բարձրադիր անձանց, երբ նրանք ընդունելություն էին խնդրում։ Ընդհակառակը, երբ ընդունելուցյուն խնդրող անձն ուժեղ թշնամիներ ունի արքունիքում, այն ժամանակ դիտմամբ հատակին փոշի են ցանում։ Մի անգամ ես ինքս տեսա մի նշանավոր լորդի, որի բերանն այնքան փոշի էր լցվել, որ երբ նա սողալով մոտեցավ գահին, մինչև որոշ տարածություն, այլևս հնարավորություն չուներ ոչ մի խոսք արտասանելու։ Ուրիշ ելք էլ չկար, որովհետև մահացու հանցանք է, ով ունկնդրության ժամանակ թքում է կամ սրբում իր բերանը նորին մեծության ներկայությամբ։ Բացի այդ, կա և մի այլ սովորություն, որ ամենևին ինձ հաճելի չէ։ Երբ թագավորն իր ազնավականներից մեկին ուզում է մահվան դատապարտել մեղմ և ներողամիտ կերպով, այն ժամանակ նա հրամայում է հատակին ցանել մի տեսակ դարչնագույն թունավոր փոշի, որ հանցապարտը լիզելով, առանց այլևայլության քսանչորս ժամվա մեջ մեռնում է։ Սակայն ի արդարություն այդ թագավորի մեծագույն գթության և իր հպատակների առողջության մասին ունեցած հոգածության (այդ տեսակետից ցանկալի պիտի լիներ, Եվրոպայի թագավորներն օրինակ վերցնեին նրանից) հարկավոր է նշել ի պատիվ նրա, որ ամեն մի այդպիսի մահապատժից հետո խիստ հրաման է տրվում մաքուր կերպով լվանալու հատակի վարակված մասը․ իսկ երբ ծառաները զանց են առնում այդ հրամանը, այդ ժամանակ նրանց սպառնում է արքայական դժգոհության արժանանալու վտանգը։ Ես ինքս լսեցի, թե ինչպես նա կարգադրեց, որպեսզի իր մանկլավիկներից մեկին խարազանեն, նրա համար, որ նա, չնայած իր հերթին, չարամտությամբ զանցառու էր եղել և ուշադրություն չէր դարձրել մահապատժից հետո հատակը լվալու․ այդ անհոգության շնորհիվ մի հուսատու երիտասարդ լորդ, որ ունկնդրության էր եկել, դժբախտ կերպով թունավորվեց, թեև թագավորն այդ ժամանակ ամենևին մտադրություն չուներ նրան կյանքից զրկելու։ Սակայն բարեմիտ թագավորն այնքա՜ն ողորմած էր, որ ազատեց թշվառ մանկլավիկին խարազանումից, որովհետև վերջինս խոստացավ, որ այլևս առանց հատուկ կարգադրության այդ բանը չի անի։
:    Գանք նորից մեր պատմությանը․ երբ սողալով անցել էի գահից մինչև չորս յարդ հեռավորություն, ես զգույշ կերպով չոքեցի ու գլուխս յոթն անգամ գետնին զարկելով՝ արտասանեցի հետևյալ խոսքերը, որ սովորեցրել էին ինձ նախընթաց գիշերը՝ իկկպլինգ գրոֆֆթրոբբ սքվուտսերումմ բըլհիոպ մլաշնալտ գվին տնողբալկգուֆֆհ սլհիոպհաղ գուրդլուբհ աշը։ Ոջյունի այս խոսքերը երկրի օրենքով սահմանված են այն բոլոր անձանց համար, որոնք արժանանում են թագավորի տեսությանը։ Կարելի է թարգմանել այսպես՝ թող ձերդ երկնային մեծությունն արևից տասնմեկ և կես լուսին ավելի երկար ապրի։ Թագավորը դրան պատասխանեց տալով մի քանի հարց, որ թեև ես չհասկացա, բայց և այնպես պատասխանեցի, ինչպես ինձ սովորեցրել էին՝ Ֆլուֆտ դրին յալերիկկ դվուլդումպրաստրադմիրպուշ, որի բուն իմաստն է՝ իմ լեզուն իմ բարեկամի բերանումն է․ այդ խոսքրով ես հասկացրի, որ ես խնդրում եմ դիմել իմ թարգմանին։ Դրա վրա վերոհիշյալ երիտասարդին անմիջապես ներս ընդունեցին և նրա աջակցությամբ ես պատասխանեցի այն բոլոր հարցերին, որ նորին մեծությունը բարեհաճեց տալ ինձ մոտ մի ժամվա մեջ։ Ես խոսում էի բալնիբարցիների լեզվով, իսկ երիտասարդն իմ ասածները թարգմանում էր լըգգնեգըգցիների լեզվով։
:    Թագավորն ինձ շատ հավանեց ու հրամայեց իր բլիֆֆմարկլուբին, այսինքն՝ գլխավոր սենեկապետին, որ արքունիքում ինձ և իմ թարգմանի համար սենյակ պատրաստեն, ամեն օր հոգան իմ ապրուստը և մանր ծախսերի համար մի քսան ոսկի տան։
:    Այդ երկրում ես մնացի երեք ամիս, հնազանդվելով նորին մեծության ցանկությանը, որը բարեհաճեց ինձ անել մեծ շնորհներ ու շատ սիրաշահող առաջարկներ։ Բայց ես ավելի խոհեմություն և արդարացի համարեցի իմ կյանքի վերջին օրերն անցկացնել կնոջս ու երեխաներիս հետ։
 
==Գլուխ տասներորդ==
:    Լըգգնեգգցիների գովեստը։ Ստրուլդբրուգների մանրամասն նկարագրությունը և այդ առարկայի շուրջը եղած բազմաթիվ խոսակցությունները հեղինակի և զանազան երևելի անձանց միջև։
 
:    Լըգգնեգգցիները շատ հեզահամբյուր և վեհանձն մարդիկ են ու թեև նրանք զուրկ չեն այն հպարտությունից, որ հատուկ է բոլոր արևելյան ժողովուրդներին, բայց և այնպես նրանք շատ սիրալիր են դեպի օտարականները և մանավանդ նրանք, որոնք արժանացել են արքունիքի բարյացակամության։ Եա բազմաթիվ ծանոթություններ ձեռք բերեցի բարձր շրջանի մարդկանց հետ և իմ թարգամնի օգնությամբ ունեցա նրանց հետ շատ հաճելի ու խրատական զրույցներ։
:    Մի օր ընտիր հասարակության շրջանում ինձ հարց տվին, թե արդյոք ես տեսե՞լ եմ ստրուլդբրուգներից կամ անմահներից որևէ մեկին։ Ես պատասխանեցի, թե՝ ոչ ու խնդրեցի, որ ինձ բացատրեն մահկանացուների նկատմամբ այդ խոսքի նշանակությունը․ իմ զրուցակիցն ասաց, թե երբեմն, շատ հազվագյուտ դեպքերում, մի որևէ ընտանիքում ծնվում է ճակատին կարմիր կլոր բիծ ունեցող մանուկ․ այդ բիծը լինում է ուղիղ ձախ ունքի վրա, որ մի անսխալ նշան է նրա անմահության։ Այդ նկարագրած բիծն սկզբում լինում է արծաթե երեք պենսանոց դրամի մեծության, բայց ժամանակի ընթացքում մեծանում է ու գույնը փոխում․ տասներկու տարեկան հասակում դառնում է կանաչ և այդպես մնում է մինչև քսանհինգ տարեկան հասակը․ այնուհետև նրա գույնը փոխվում է մուգ կապույտի։ Քառասուն հինգ տարեկան հասակում նրա գույնը դառնում է ածուխի պես սև, իսկ մեծությունը հասնում է անգլիական շիլինգին և այնուհետև այլևս ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Նա ասաց, թե այդպես ծնված երեխաներն այնքան քիչ են, որ ամբողջ թագավորության մեջ հազիվ թե լինի ավելի, քան հազար երկու հարյուր երկսեռ ստրուլդբրուգ, որոնցից մոտ հիսունը նա հաշվում է մայրաքաղաքում․ դրանց մեջ կա մի աղջիկ, որ ծնվել է սրանից մոտ երեք տարի առաջ։ Այդ ծնունդները որոշ ընտանիքների առանձնահատկությունը չեն, այլ լոկ պատահականության արդյունք, այնպես որ անգամ ստրուլդբրուգների երեխաները, մյուս մարդկանց պես, հավասար չափով մահկանացու են։
:    Ճշմարիտն ասած այդ պատմությունը լսելիս մի աննկարագրելի հաճույք զգացի, և որովհետև իմ խոսակիցը հասկանում էր բալնիբարբցիների լեզուն, որով ես շատ լավ խոսում էի, ուստի ես չկարողացա զսպել իմ հիացմունքը և արտահայտեցի այն, թերևս, մի փոքր չափից ավելի։ Զմայլված ես գոչեցի՝ երջանի՜կ ազգ, որի ամեն մի ծնվող երեխան անմահանալու բախտն ունի։ Երջանի՜կ ժողովուրդ, որ վայելում է հնագույն առաքինությունների կենդանի օրինակները և ունի դաստիարակներ, որոնք կարող են ուսուցանել անցած բոլոր սերունդների իմաստությունը, բայց անհամեմատ երջանիկ են այն վսեմ ստրուլդբրուգները, որոնք ի ծնե ենթակա չեն մարդկային բնության ընդհանուր աղետին, ուստի մտքով ազատ և անկախ են և մահվան մշտական վախից ոչ ընկճված են և ոչ էլ հոգեպես վհատված։ Ես իմ զարմանքն արտահայտեցի, որ պալատում այդ պայծառ անձերից ոչ մեկին չնկատեցի․ ճակատի վրայի սև բիծն այն աստիճանի ակնառու նշան է, որ չէի կարող չնկատել, մինչդեռ անհնարին է, որ նորին մեծությունը, որ մի բանիմաց թագավոր էր, չշրջապատեր իրեն այդպիսի իմաստուն և հմուտ խորհրդականների բազմությամբ։ Թերևս այդ պատկառելի իմաստունների առաքինությունը չափից դուրս դաժան է արքունիքի այլասերված և անառակ բարքերի համար։ Իսկ մենք հաճախ փորձից գիտենք, որ երիտասարդներն ինչպիսի կամակորությամբ ու թեթևամտությամբ խույս են տալիս լսելու իրենց ավագների զգաստ խորհուրդները։ Եվ քանի որ թագավորը բարեհաճել է թույլ տալ ինձ իր արքայական մեծության մոտ ազատ մուտք ունենալու, ուստի ես որոշել եմ առաջին հարմար պատեհին թարգմանիս միջոցով անկեղծ և ընդարձակ արտահայտելու իմ կարծիքն այդ հարցի մասին։ Արդյոք պիտի հաճի լսել իմ խորհուրդը, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ է, որ ունենալով նորին մեծության հաճախակի առաջարկը՝ հաստատվելու իր երկրում, ես պիտի շնորհակալությամբ ընդունեմ այդ շնորհը և իմ կյանքը նվիրեմ այդ գերագույն էակների՝ ստրուլդբրուգների հետ ունեցած զրույցներին, եթե միայն նրանք բարեհաճեն ընդունել ինձ։
:    Այն ջենտլմենը, որին ես ուղղեցի իմ ճառը, որովհետև (ինչպես արդեն նկատեցի) նա խոսում էր բալնիբարբցիների լեզվով, ժպիտը դեմքին, որ բխում էր անգիտության հանդեպ ունեցած խղճահարությունից, ասաց, թե ուրախությամբ պիտի պահի ինձ իրենց երկրում, և թույլտվություն խնդրեց թարգմանելու իմ ասածները ներկա եղողներին։ Նա այդպես էլ արավ, և նրանք մի առժամանակ խոսսում էին իրենց լեզվով միմյանց հետ, որից ես ոչ մի բառ չհասկացա և ոչ էլ նրանց դեմքի արտահայտություններից կարողացա նկատել, թե ի՞նչ տպավորություն թողեց իմ ճառը նրանց վրա։ Մի փոքրիկ լռությունից հետո նույն անձնավորությունն ինձ ասաց, թե նրա և իմ բարեկամները (նա պատշաճ համարեց այդպես արտահայտվելու) հիացել են գերագույն երջանկության և անմահ կյանքի առավելությունների մասին իմ ասած ողջամիտ նկատողության վրա, և ցանկանում են իմանալ, թե ինչպե՞ս կծրագրեի իմ կյանքը, եթե բախտի բերմամբ ծնվեի իբրև ստրուլդբրուգ։
:     Ես պատասխանեցի, թե մի այդպիսի հարուստ և հաճելի նյութի համար պերճախոս դառնալը շատ հեշտ է, մանավանդ ես, որ միշտ հակամետ եմ եղել խոկալու այն երզազների մասին, թե ի՞նչ պիտի անեի ես, եթե մի թագավոր, մի գնդապետ կամ մի մեծ լորդ լինեի․ իսկ ինչ վերաբերում է անմահության, ես հաճախ անդրադարրձել եմ այն խնդրին, թե ի՞նչ պիտի անեի և ինչպե՞ս պիտի անցկացնեի իմ կյանը, եթե ես հաստատ գիտենայի, թե պետք է ապրեմ հավիտյան։
:     Եվ եթե բախտն ինձ աշխարհ բերեր իբրև մի ստրուլբրուգ, այն ժամանակ մահվան և կայնքի մեջ տարբերությունը հասկանալուն պես, ես պիտի գտնեի իմ երջանկությունը, ու նախ և առաջ ամեն ջանք պիտի գործադրեի, որպեսզի հարստանամ։ Հետապնդելով այդ նպատակը, կարող էի հույս ունենալ, որ խնայողությամբ ու տնտեսությամբ, մի երկու հարյուր տարուց հետո կդառնամ թագավորության մեջ ամենից հարուստ մարդը։ Այնուհետև պատանեկությանս առաջին օրերից ինձ կնվիրեի արվեստների և գիտության և այդպիսով, ժամանակի ընթացքում ամենքին իմ պատրաստականությամբ կգերազանցեի։ Եվ վերջապես, ամենայն խնամքով կարձանագրեի հասարակական բոլրոր արժեքավոր գործերն ու դեպքերը, անաչառ կերպով կնկարագրրեի միմյանց հաջորդող թագավորների և պետական խոշոր անձանց բնութագրերը՝ կցելով դրանց իմ սեփական դատողություններն ու դիտողոիթյունները։ Ճշգրիտ կշարադրեի սովորությունների, լեզվի, հագուստի, կերակրի և զվարճությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Կդառնայի գիտության և իմաստության կենդանի շտեմարան և իմ ազգի իսկական պատգամախոսը։
:     Վաթսուն տարեկան դառնալուց հետո երբեք չէի ամուսնանա, այլ կլինեի հյուրասեր և միշտ կմնայի խնայող։ Ես կնվիրեի ինձ շնորհալի երիտասարդ մարդկանց մտքերի կաղապարմանն ու ղեկավարությանը, իմ սեփական հիշողություններով և մանավանդ բազմաթիվ օրինակներով համոզերով նրանց, թե որքան օգտակար են առաքինությունները հասարակական և անհատական կյանքում։ Իսկ իմ ընտրյալ մշտական ընկերները կլինեն իմ անմահ եղբայրացիները, որոնց միջից կնտրեի ինձ հասակակից՝ և ինձանից ծեր տասներկու հոգի։ Եթե նրանց մեջ մեկը կարիք ունենար՝ ես հարմար տեղ կտայի իմ տան մեջ և շարունակ ինձ մոտ ճաշի կհրավերեի, նրա հետ միասին հրավիրելով և մի շարք արժանի մահկանացու երիտասարդների․ ժամանակի ընթացքում իմ սիրտը կկարծրանար այդ մահկանացուների մահվան հանդեպ և ես չէի դժկամի․ իսկ նրանց հետագա սերունդների վրա կնայեի այնպես, ինչպես մենք հաճույք ենք զգում տեսնելով մեր այգում ամեն տարի մեխակի և կակաչի հաջորդական փոփոխությունը՝ չզգալով ոչ մի ափոփսանք այն ծաղիկների համար, որոնք թոշնել են նախընթաց տարին։
:     Այդ ստրուլդբրուգների հետ ես կփոխանակեի ժամանակի ընթացքում իմ արած դիտողություններն ու հավաքած հիշողությունները, կհիշատակեի ապականությունների աստիճանական մուտքն աշխարհ և ամեն քայլափոխում կպայքարեի դրա դեմ՝ մարդկությանն արած մշտական նախազգուշացումների և հրահանգների միջոցով ավելացնելով դրանց անհատական փորձի հզոր ազդեցությունը, և այդ ամենը թերևս խափաներ մարդկության այլասերումը, որ դարերից ի վեր, ամենայն իրավամբ, տրտունջի առիթ է դարձել։
:     Ավելացրեք այդ ամենին այն հաճույքը, որ ես կստանայի տեսնելով զանազան ռևոլյուցիաներ՝ թագավորությունների և կայսրերի խորտակումը, փոփոխություններ հասարակության բարձր և ստորին խավերում, հնագույն քաղաքների ավերակները, հետամնաց գյուղերի թագավորական մայրաքաղաք դառնալը, հայտնի գետերի ծանծաղելը, մի ափը ցամաքեցնող և մյուս ափը հեղեղող օվկիանոսը, դեռևս անհյատ երկրների հայտնաբերումը, քաղաքակիրթ ազգությունների բարբարոսացումը և ամենաբարբարոս ազգությունների կատարելագործություններ։
:   Ի՞նչ զարմանալի գյուտեր կանեինք աստղաբաշխության բնագավառում՝ վերապրելով և հնարավորություն ունենալով անձամբ ստուգելու մեր սեփական գուշակությունները, դիտելով մոլորակների երևումը և վերադարձը, արևի, լուսնի և աստղերի շարժման մեջ եղած բոլոր փոփոխությունները։
:   Ես հանգամանորեն կանգ առա ուրիշ այլ նյութերի վրա, որ առատորեն մատուցեց ինձ անվախճան կյանքի և լուսնի տակ եղած երջանկության բնական ցանկությունս։ Երբ ես վերջացրի և իմ ճառի բովանդակությունը թարգմանվեց ներկա եղողներից նրանց համար, ովքեր չէին հասկանում, լըգգնեգգցիները աշխուժորեն սկսեցին տեղական լեզվով խոսել միմյանց հետ, մերթ ընդ մերթ հեգնանքով նայելով ինձ վրա։ Վերջապես միևնույն ջենտլմենը, որ իմ թարգմանի դերն էր կատարում, ասաց, թե նրան խնդրում են, որ ես ուղղեմ իմ սխալները, որոնք արդյունք են մարդկային տխմարության, հետևապես և ներելի են ինձ համար։ Մանավանդ որ ստրուլդբրուգների այդ ցեղն իրենց երկրում բացառիկ հանգամանք ունի, որովհետև այդպիսի մարդիկ չկան ոչ Բալնիբարբիում և ոչ էլ Ճապոնիայում, ուր նա նորին մեծության կողմից պատիվ է ունեցել դեսպան լինելու․ վերոհիշյալ երկու թագավորույթյունների ժողովուրդները շատ թերահավատ են այդ երևույթի հնարավորության նկատմամբ։ Իսկ իմ զարմանքը, երբ նա առաջին անգամ հիշատակեց դրանց մասին, ցույց է տալիս, թե որ աստիճանի նորություն էր ինձ համար այդ փաստը և հազիվ հավատալի։
:   Վերոհիշյալ երկու թագավորություններում եղած ժամանակ նա շատ է խոսել այդ մասին և նկատել է, որ երկարակեցությունը հանդիսանում է մարդկաության ընդհանուր ցանկությունն ու երանելի տենչանքը, որ մարդս իր մի ոտը գերեզմանում եղած ժամանակ աշխատում է որքան կարելի է ամուր կերպով մյուս ոտը ետ պահել։ Զառամած ծերերը դեռևս հույս ունեն մի օրով երկարացնելու իրենց կյանքը և մահվան վրա նայում են, իբրև մեծագույն չարիքի, որից բնությունը միշտ դրդում է ետ փախչելու, միայն այս Լըգգնեգգ կղզու վրա կյանքի ծարավան այնքան խիստ չէ, որովհետև ամենքի աչքի առաջ կանգնած են երկարակեցության մշտական նմուշները՝ ստրուլբրուգները։
:   Իմ խորհած ապրելակերպը թե՛ անիմաստ է, և թե սխալ, որովհետև դա պայմանավորված է հավիտենական երիտասարդության , առողջության և ուժի հետ, մի հանգամանք, որին ոչ ոք այնքան տխմար չպիտի լինի, որ հավատա, որքան էլ բուռն լինի նրա ցանկությունը։ Խնդիրն ուրեմն այն չէ՝ կնախնտրի՞ արդոյք մարդս երիտասարդուցյան մշտական թարմությունը և նրա հետ կապված ուժն ու առողջությունը, թե ոչ, այլ այն, թե ինչպես անց կկացնի իր անվախճան կայնքը, որ լիքն է ծերության զուգընթաց ձախորդություններով։ Թեև շատ քչերն են ցանկություն հայտնում այդ դժվարին պայմաններով անմահ մնալու, սակայն վերոհիշյալ երկու թագավորությունների՝ Բալնիբարբիի և Ճապոնիայի մեջ նկատված է, որ ամեն մի մարդ աշխատում է իր մահից հեռու փախչել, թեկուզ և դա գա ամենախոր ծերության հասակում։ Եվ չլսված բան է, որ մեկը իր կամքով մեռնի, բացի նրանցից, որոնց մահվան շարժառիթը կամ ծայրահեղ տառապանքն է, կամ մեծագույն վիշտը։ Ու նա հարցրեց, թե չե՞մ նկատել միևնույն երևույթը և այն երկրներում, ուր ես եղել եմ իմ ճանապարհորդուցյունների ժամանակ և կամ թե չե սեփական հայրենիքում։
:   Այս առաջաբանից հետո նա ինձ տվեց իրենց մեջ ապրող ստրուլբրուգների մանրամասն նկարագրությունը։ Նա ասաց, որ նրանք մինչև երեսուն տարեկան հասակը սովորական մահկանացուների պես են, ապա կամաց֊կամաց դառնում են թախծոտ ու նկուն, և այդ տրամադրությունը գնալով աճում է մինչևն ութսուն տարեկանին հասնելը։ Այդ իմացել է նա նրանց արած խոստովանությունից, քանի որ հարյուր տարվա ընթացքում նրանցից երկու թե երեք հոգուց ավելի չի ծնվում, ուստի նրանք շատ սակավաթիվ են, որպեսզի կարելի լինի օբյեկտիվ դիտողությունների վրա հիմնված մի ընդհանուր կարծիք կազմել։ Երբ նրանք դառնում են ութսուն տարեկան, որ համարվում է այդ երկրում մարդկային կյանքի սահմանագիծը, նրանց բաժին է ընկնում ոչ միայն ծերերին հատուկ հիվանդուցյուններն ու անկարողությունը, այլև անմահության սոսկալի հեռանկարը։ Նրանք ոչ միայն կամակոր են, տրտնջացող, կծծի, թախծոտ, սնապարծ, շատախոս, այլև բարեկամության անընդունակ, բնական զգացմունքներից զուրկ, զգացմունքներից, որ իրենց թոռներից այն կողմ չի տարածվում։ Նախանձն ու անզոր փափագը անընդհատ կրծում է նրանց։ Նրանց նախանձի առարկաներն առավելապես հանդիսանում են՝ երիտասարդական մոլությունն ու ծերերի մահը։ Առաջինին անդրադառնալով՝ նրանք զգում են, որ իրենք զուրկ են հաճույք ստանալու հնարավորությունից, իսկ թաղում տեսած ժամանակ նրանք տրտնջում ու գանգատվում են, որ ուրիշները կարող են հասնել հանգստության ափին, մինչդեռ նրանք զուրկ են այդ հույսից։ Նրանք հիշում են միայն այն ամենը, ինչ նրանք իմացել կամ տեսել են իրենց երիտասարդության և հասունության տարիներին, և այն էլ ոչ կատարյալ կերպով, այնպես որ, որևէ իրադարձության իսկությունը ստուգելու կամ այդ իրադարձության մասին մանրամասն տեղեկանալու դեպքում ավելի վստահելի են բանավոր ավանդությունները, քան նրանց ամենահստակ հիշողությունները։ Նրանց մեջ ամենից թշվառները նրանք են, որոնք զառամության մեջ են ընկել կամ վերջնականապես կորցրել են իրենց հիշողությունը․ դրանք ամենից ավելի են գթաշարժության ու կարեկցության հանդիպում, որովհետև չունեն այն վատ հատկությունները, որոնցով հարուստ են ուրիշները։
:   Եթե ստրուլբրուգներից մեկն ամուսնանա իր բախտակից մի աղջկա հետ, շնորհիվ թագավորության մեջ տիրող ամուսնական իրավունքի, լուծելի է, երբ երկու ամուսիններից կրտսերը դառնում է ութսուն տարեկան․ որովհետև օրենքը միանգամայն արդարացի է համարում, որպեսզի նրանք, որոնց վիճակված է այս աշխարհում ընդմիշտ մնալու, չկրկնապատկեն իրենց թշվառությունը հավիտենական կնոջ բեռով։
:   Հենց որ ստրուլբրուգներն ութսուն տարեկան են դառնում, հասնում է նրանց քաղաքացիական մահվան ժամկետը, ժառանգներն անմիջապես տիրապետում են նրանց կայքը, ապրուստի համար թողնելով միայն մի փոքրիկ բաժին․ իսկ աղքատների ապրուստը հոգում են ժողովրդական միջոցներից։ Այդ տարիքին հասնելուց հետո նրանք համարվում են վստահության կամ եկամուտի հետ կապված որևէ պաշտոնի անընդունակ․ նրանք չեն կարող ոչ հող գնել կամ վարձել, ոչ էլ իրավունք ունեն վկա լինելու քրեական կամ քաղաքացիական գործերի կամ անգամ հողային սահմանավեճերի ժամանակ։
:   Իննսուն տարեկանում թափվում են նրանց ատամներն ու մազերը․ այդ տարիքում նրանք կերակրի համը չեն տարբերում, ուտում են ու խմում այն ամենը, ինչ որ նրանց ձեռքն է ընկնում, սակայն առանց հաճույք ստանալու և առանց ախորժակի։ Հիվանդուցյունները, որոնց ենթակա են նրանք, տևում են առանց սաստկանալու կամ նվազելու։ Խոսակցության ժամանակ նրանք մոռանում են սովորական իրերի և մարդկանց անունները, անգամ նրանց, որոնք իրենց մտերիմ բարեկամներն ու ազգականներն են եղել։ Ուստի այդ պատճառով նրանք չեն կարող ընթերցանությամբ իրենց հաճույք պատճառել, որովհետև նրանց հիշողության մեջ չի մնում նախադասության սկիզբը, երբ նրանք հասնում են նրա վախճանին․ և այդ թերության շնորհիվ նրանք զուրկ են իրենց համար միակ մատչելի հաճույքից։
:   Քանի որ այդ երկրի լեզուն շարունակ փոփոխության է ենթարկվում, ուստի մի դարում ծնված ստրուլբրուգները չեն հասկանում մյուս դարում ծնվածներին, իսկ երկու հարյուր տարի անցնելուց հետո նրանք մոտակա մահկանցաների հետ առհասարակ չեն կարողանում որևէ խոսակցություն վարել (բացի մի քանի ընդհանուր բառերից), և այդպիսով նրանք դժբախտություն ունեն ապրելու իրենց սեփական հայրենիքում՝ իբրև օտարականներ։
:   Ահա ստրուլբրուգների մասին ինձ տված տեղեկությունները, որ հաղորդում եմ ձեզ, որքան ես հիշում եմ, նույնությամբ։ Հետագայում ես տեսա տարբեր տարիքի հինգ թե վեց հոգու, որոնցից ամենաերիտասարդը երկու հարյուր տարեկանից ավելի չէր․ իմ բարեկամները նրան մի քանի անգամ բերին ինձ մոտ․ թեև նրանց ասել էին, որ ես մի նշանավոր ճանապարհորդ եմ, ամբողջ աշխարհը տեսած, սակայն նրանք ամենևին հետաքրքրություն չունեցան ինձ մի որևէ հարց տալու․ միայն խնդրեցին, որ ես նրանց մի սլումսկուդասկ տամ, այսինքն՝ հիշատակի համար մի նվեր։ Դա ողորմություն խնդրելու մի քաղաքավարի ձև է, որն օրենքով խիստ արգելված է, որովհետև նրանց ապրուստը հոգում է՝ հասարակությունը, թեև, ճիշտն ասած, բավականին չնչին օրապահիկով։
:   Ժողովրդի բոլոր խավերը նրանց արհամարում և ատում են։ Երբ նրանցից մեկը ծնվում է, այդ ծնունդը համարում են մի չարագուշակ երևույթ և ստույգ կերպով արձանագրում են, այնպես որ նրանցից ամեն մեկի տարիքը կարող եք իմանալ պետական հնադարանից, որը հազիվ թե հազար տարուց ավելի գոյություն ունենա, իսկ դրանից առաջ եղածները թերևս ոչնչացել են ժամանակի ընթացքում կամ ժողովրդական խռովությունների ժամանակ։ Բայց ստրուլդբրուգի տարիքը հաշվելու սովորական ձևն այն է, որ հարցնես, թե ի՞նչ թագավոր կամ նշանավոր մարդ է հիշում նա և ապա տեղեկանաս պատմությունից, որովհետև վերջին թագավորը որին նա հիշում է իր թագավորությունը պետք է սկսած լինի այն ժամանակ, երբ դեռևս նա ութսուն տարեկան չի եղել։
:   Ավելի զազիր տեսարան ես երբեք չէի տեսել, իսկ կանայք ավելի հրեշավոր էին, քան տղամարդիկ։ Բացի զառամյալ մարդկանց հատուկ այլանդակություններից, նրանք տարիների ընթացքում ավելի ու ավելի են նմանվում ուրվականների, այնքան զարհուրիչ դառնում, որ անկարելի է նկարագրել․ նրանցից հինգ թե վեց կանանց մեջ ես արդեն ջոկում էի, թե որն է ավելի ծերը, թեև տարիքների մեջ եղած տարբերությունը հազիվ թե մեկ կամ երկու դար լիներ։
:   Ընթերցողը հեշտությամբ կհավատա, որ այդ ամենը լսելուց և տեսնելուց հետո անմահության իմ բուռն ցանկությունը պաղեց։ Ես ամբողջ սրտով ամաչեցի այն հաճելի ցնորքների համար, որոնցով ես տարվել էի և մտածեցի, թե ոչ մի բռնակալ չէր կարող հնարել մի այնպիսի մահապատիժ, որ ես հաճույքով չնդունեի, միայն թե ազատվեի այդ տեսակ կյանքից։
:   Թագավորը զվարթ ծիծաղեց, երբ իմացավ իմ և իմ բարեկամների մեջ եղած խոսակցության մասին և առաջարկեց, որ ես մի զույգ ստրուլդբրուգ հետս տանեմ իմ հայրենիքը՝ բժշկելու համար իմ հայրենակիցներին մահվան հանդեպ ունեցած վախից։ Սակայն պարզվեց, որ ըստ թագավորության հիմնական օրրենքների՝ այդ արգելված է, եթե ոչ՝ նա մեծ բավականությամբ հանձն կառնի նրանց տեղափոխության հետ կապված նեղությունն ու ծախսը։
:   Անկարելի է չհամաձայնել, որ այդ թագավորության մեջ ստրուլդբրուգների վերաբերյալ օրենքները, սահմանված են շատ խելացի կերպով և հարկավոր էր, որ ամեն մի երկիր, նման պայմաններում, նույն բանն աներ։ Այլապես այդ անմահները, շնորհիվ այն ագահության, որ ծերության անխուսափելի հետևանքն է, ժամանակի ընթացքում կտիրեին ամբողջ ազգի սեփականությանը, կգրավեին քաղաքացիական իշխանությունը և կառավարելու ընդունակություններից զուրկ լինելով՝ կկործանեին ժողովուրդը։
 
==Գլուխ տասնմեկերորդ==
:   Հեղինակը թողնում է Լըգգնեգգն ու մեկնում է դեպի Ճապոնիա։ Այդտեղից մի հոլանդական նավով վերադառնում է Ամստերդամ, իսկ Ամսրեդամից՝ Անգլիա։
 
:   Կարծում եմ, որ ստրուլդբրուգների մասին արած այս պատմությունը որոշ բավականություն պիտի պատճառի ընթերցողին, որովհետև դա մի փոքր արտասովոր է թվում․ գոնե ես չեմ հիշում, որ ձեռս ընկած ճանապարհորդական մի որևէ գրքում հանդիպած լինեմ դրա նման մի այլ պատմության։ Եթե ես սխալվում եմ, ապա թող ներելի լինի ինձ այն, ինչ անխուսափելի է մի ճանապարհորդի համար, որը նկարագրելով մի որևէ երկիր, հաճախ ակամա կանգ է առնում միևնույն մանրամասնության վրա, որի մասին գրել է նաև մի այլ ճանապարհորդ, առանց դրա համար ուրիշից փոխ առնելու կամ արտագրելու մեղադրանքին ենթարկվելու։
:   Այս թագավորությունը ու ճապոնական մեծ կայսրությունը շարունակ առևտուր են անում միմյանց հետ և հավանական է, որ ճապոնական հեղինակները տեղեկություն ունենան ստրուլդբրուգների մասին․ սակայն ես Ճապոնիայում այնքա՜ն քիչ մնացի և այնքա՜ն օտար էի նրանց լեզվին, որ հնարավորություն չունեի հարձուփորձ անելու։ Բայց ես հույս ունեմ, որ հոլանդացիներն իմ պատմության հիման վրա կհետաքրքրվեն անմահներով և կսրբագրեն իմ թերությունները։
:   Նորին մեծությունը հաճախ ինձ ստիպում էր, որ իր արքունիքում մի որևէ պաշտոն հանձն առնեմ, բայց տեսնելով իմ հայրենիք վերադառնալու վերջնական որոշումը, բարեհաճեց տալ մեկնելու հնարավորություն և արժանացրեց ինձ իր հանձնարարական նամակին, որ իր սեփական ձեռքով գրեց ճապոնական կայսրին։ Բացի այդ՝ նա ինձ նվիրեց չորս հարյուր քառասունչորս խոշոր ոսկեդրամ (այս ժողովուրդը սիրում է զույգ թվեր) և մի կարմիր ադամանդ, որ ես Անգլիայում ծախեցի տասնմեկ հազար ֆունտով։
:   1709 թվի մայիսի 6֊ին ես հանդիսավոր կերպով հրաժեշտ տվի նորին մեծությանն ու իմ բարեկամներին։ Թագավորն այնքան սիրալիր եղավ, որ հրամայեց իր պահակին ուղեկցելու ինձ մինչև Գլանգուենստալդ, որ կղզու հարավ֊արևմտյան կողմում մի նավահանգիստ էր։ Վեց օրից հետո ես գտնվում էի Ճապոնիա մեկնելու պատրաստ մի նավում։ Ճանապարհորդությունս տևեց տասնհինգ օր։ Մենք իջանք մի փոքրիկ ծովային քաղաք, որ կոչվում է Քսամոշի և գտնվում է Ճապոնիայի հարավ֊արևելյան մասում։ Քաղաքն ընկած էր արևմտյան ծայրամասում, որտեղից սկսվում էր մի ոչ լայն նեղուց, դեպի ծովի հյուսիսային երկարաձև թևը, որի հյուսիս֊արևմտյան կողմում գտնվում է Եդոն՝ կայսրության մայրաքաղաքը։ Ափ իջնելուց հետո մաքսատան պաշտոնյաներին ես ցույց տվի Լըգգնեգգի թագավորի ձեռքով նորին մեծության անունով գրած նամակը։ Պաշտոնյաները շատ լավ գիտեին թագավորական կնիքը, որ իմ ափի մեծության չափ էր։ Վրան նկարած էր՝ մի թագավոր կաղ մուրացկանին բարձրացնում էր գետնից։ Քաղաքագլուխը լուր առնելով նամակի մասին, ինձ ընդունեց իբրև բարեկամական տերության դեսպանի։ Նա իմ տրամադրության տակ դրեց կառք և ծառաներ ու հոգած իմ ծախսերը մինչև Եդոն, ուր ես արժանացա կայսերական ընդունելության։ Այդտեղ ես հանձնեցի իմ նամակը, որը բաց արին մեծ ծիսակատարությամբ և թարգմանի միջոցով կարդացին կայսրին․ հետո թարգմանը նորին մեծության հրամանով ինձ հասկացրեց, որ ես կարող եմ ներկայացնել իմ խնդիրը, և ինչ էլ որ խնդրելու լինեմ՝ կշնորհվի ինձ ի հարգանս նորին արքայական եղբոր Լըգգնեգգի թագավորի։ Այդ թարգմանի պաշտոնը հոլանդացիների գործերը վարեն էր․ նա իմ արտաքինից իսկույն իմացավ, որ ես եվրոպացի եմ և նորին մեծության հրամանը կրկնեց հոլանդերեն, որին նա կատարյալ տիրապետում էր։ Ես պատասխանեցի (ինչպես սկզբում որոշել էի), որ մի հոլանդացի վաճառական եմ, որ իմ նավը խորտակվել է մի հեռավոր երկրում, որտեղից ցամաք ու ծով անցնելով եկել եմ Լըգգնեգգ, իսկ Լըգգնեգգից նավ եմ նստել մինչև Ճապոնիա, ուր իմ հայրենակիցները, ինչպես հայտնի է, հաճախ առևտուր են անում, և որտեղից, հույս ունեմ, այդ առևվտրականներից որևէ մեկի հետ վերադառնալ Եվրոպա, ուստի ես խոնարհաբար խնդրում եմ, որ նորին արքայական մեծությունը շնորհ անի և հրամայի, որպեսզի ինձ ապահով կերպով տանեն մինչև Նագասակի։ Ես խնդրեցի նաև, որ նորին մեծությունը, ի սեր իմ հովանավոր Լըգգնեգգի թագավորի, ազատի ինձ իմ հայրենակիցների համար պարտադիր խաչելությունը ոտնահարելու ծիսակատարությունից, քանի որ ես նրա երկիրն եմ ընկել դժբախտության շնորհիվ և առևտուր անելու որևէ մտադրություն չունեմ։ Երբ իմ այս վերջին խնդիրը թարգամանեցին կայսրին, նա մի փոքր զարմացավ և ասաց, թե իմ հայրենակիցների մեջ ես առաջին մարդն եմ, որ իմ վարանումն եմ ցույց տալիս այդ խնդրի հանդեպ, ուստի նա սկսում է կասկածել, թե գուցե ես իսկական հոլանդացի չեմ, այլ միայն, ինչպես երևում է, քրիստոնյա։ Այնուամենայնիվ իմ արած պատճառաբանությունից հետո, բայց գլխավորապես իր շնորհի արտակարգ նշանով Լըգգնեգգի թագավորին գոհություն պատճառելու համար՝ նա հարգեց իմ այդ եզակի քմահաճույքը․ սակայն ասաց, որ այդ զանցառությունը հարկավոր է շատ ճարպիկ կերպով անել, իսկ ինքը կհրամայի իր պաշտոնյաներին, որ ինձ անցկացնեն իբր թե մոռացմամբ, որովհետև, ասաց նա, եթե իմ հայրենակից հոլանդացիներն իմանան այդ գաղտնիքը՝ ճանապարհին ինձ սրախողխող կանեն։ Թարգմանի միջոցով ես խորին շնորհակալություն հայտնեցի այդ անսովոր շնորհի համար։ Եվ քանի որ մի փոքր զորագունդ պիտի գնար Նագասակի, ուստի հրամանատար սպան կարգադրություն ստացավ, որ ինձ ողջ֊առողջ ճանապարհ դնի, ստանալով նաև խաչելության վերաբերյալ մասնավոր հրահանգներ։
:   1709 թվի հունիսի 9֊ին, երկար ու չարչարանքներով լի ճանապարհորդուցյունից հետո ես հասա Նագասակի։ Շուտով ես ընկա հոլանդացի նավաստիների շրջանը, որոնք ծառայում էին Ամստերդամից եկած «Ամբորինա» նավի վրա, որ 450 տոննա տարողություն ուներ։ Ես երկար ժամանակ ապրել էի Հոլանդիայում, իմ ուսումն ավարտել էի Լեյդենում և հիանալի կերպով խոսում էի հոլանդերեն։ Նավաստիները շուտով իմացան իմ որտեղից գալը և սկսեցին հետաքրքրությամբ հարձուփորձ անել իմ ճանապարհորդուցյան ու վարած կյանքի մասին։ Ես հնարեցի մի համառոտ, բայց հավանական պատմություն, թաքցնելով դեպքերի կարևոր մասերը։ Հոլանդիայում ես շատ ծանոթներ ունեի․ ես հնարավորություն ունեի հորինելու իմ ծնողների անունները, ձևացնելով, որ նրանք Գելդեռլանդ գավառի հետամնաց բնակիչներ են։ Ես առաջարկեցի կապիտանին (մի ոմն Թեոդորիս Վանգրուլտ), որ նա իր ուզած ճանապարհածախսը վերցնի մինչև Հոլանդիա․ բայց իմանալով, որ ես վիրաբույժ եմ, նա բավականացավ ծախսի կեսն առնելով, պայմանով, որ ես ճանապարհին բժշկի պաշտոնը կատարեմ։ Նախքան մեկնելը՝ նավաստիներից մի քանիսը հարցրին, թե վերոհիշյալ ծիսակատարությունը ես կատարե՞լ եմ թե՞ ոչ։ Ես խուսափեցի այդ հարցից՝ տալով անորոշ պատասխան, որ ես կատարել եմ կայսեր և նրա արքունիքի բոլոր պահանջները։ Սակայն մի սրիկա նավաստի գնաց սպայի մոտ և ինձ մատնացույց անելով ասաց, թե ես խաչելությունը դեռ չեմ ոտնահարել։ Սակայն ապան, որին կարգադրված էր ազատելու ինձ այդ ծիսակատարությունից, այդ անզգամի թիկունքին բամբուկի քսան հարված հասցրեց, որից հետո ոչ ոք այլևս նման հարցերով ինձ չէր նեղացնում։
:   Այդ ճանապարհորդուցյան միջոցին հիշատակելու արժանի բան չպատահեց։ Մեր նավը գնաց հաջող քամու տակ մինչև Բարեհուստ հրվանդանը, ուր մենք կանգ առանք խմելու ջուր վերցնելու համար։ Ապրիլի 10֊ին մենք անփորձ հասանք Ամստերդամ՝ ճանապարհին հիվանդուցյունից կորցնելով երեք հոգի, իսկ չորրորդը Ջենովայի ափերի մոտ նախակայմից իրեն նետեց ծովը։ Ամստերդամից, քաղաքին պատկանող մի նավով, ես շուտով գնացի Անգլիա։
:   1710 թվի ապրիլի16֊ին մենք մտանք Դաունս։ Հետևյալ առավոտ ափ իջա և հինգ ու կես տարվա բացակայությունից հետո կրկին տեսա իմ հայրենի երկիրը։ Ես ուղղակի գնացի Ռեդրիֆֆ, ուր հասա նույն օրը՝ կեսօրից հետո ժամը երկուսին և կնոջս ու երեխաներիս գտա ողջ֊առողջ։