Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 201 բայտ, 13:48, 27 Հուլիսի 2013
/* Գլուխ երրորդ */
Նորին մեծությունը մահապատժի սպառնալիքով հրամայել էր զինվորներին, որ տողաշար երթի ժամանակ իմ նկատմամբ իրենց լավ պահեն․ սակայն դա չխանգարեց, որ մի քանի երիտասարդ սպաներ, տակովս անցնելու ժամանակ, բարձրացնեն իրենց աչքերը դեպի վեր․ և ճիշտն ասած իմ անդրավարտիքն այն ժամանակ այն վիճակի մեջ էր, որ առիթ էր տալիս ինձ վրա ծիծաղելու և զարմանալու։
Իմ ազատության համար ես այնքան շատ հուշագիր ու աղերսագիր ուղարկեցի, որ նորին մեծությունը, վերջապես, որոշեց հարցը քննության դնել նախ իր կաբինետում, ապա խորհրդի առաջ․ այդտեղ ոչ ոք չէր առարկել, բացի Սկայրիշ Բոլգոլամից, <ref>Սկայրիշ Բոլգոլամ․ ― Արջիլի դուքսը (ըստ Թեյլորի կարծիքի) ու Նոտինհայմի կոմսը (ըստ Չարլզ Ֆերստի կարծիքի)։</ref> որը բարեհաճել էր, առանց մի որևէ առիթի իմ կողմից, դառնալ իմ ոխերիմ թշնամին։ Սակայն հարցը որոշվել էր հակառակ նրա ցանկության, ամբողջ խորհրդի կողմից, և հաստատել էր կայսրը։ Այդ մինիստրը գալբետ էր, այսինքն՝ թագավորական ծովակալ, որն իր տիրոջ վստահությունը վայելող, գործերին լավ տեղյակ, սակայն խառնվածքով մի դժնդակ և խստասիրտ մարդ էր։ Սակայն նա ի վերջո համաձայնվել էր, բայց պնդել, որ ինքը պիտի կազմի այն հոդվածներն ու պայմանները, որոնց հիման վրա ես պիտի ազատվեմ և որոնց համար ես պիտի երդում տամ սրբությամբ պահպանել այն։ Այդ հոդվածներն ինձ բերեց Սկայլիշ Բոլգոլամը ինքն անձամբ, որին ուղեկցում էին երկու կրտսեր քարտուղար և մի քանի երևելի անձինք։ Կարդալուց հետո նրանք առաջարկեցին, որ ես երդվեմ այդ հոդվածները կատարելու համար․ սկսզբում ես երդվեցի իմ սեփական երկրի սովորության համաձայն, ապա իրենց օրենքների սահմանած կարգով, այսինքն՝ աջ ոտս դրի ձախ ձեռքիս մեջ, աջ ձեռքիս միջին մատը դրի գլխիս կատարին, իսկ բութ մատս՝ ականջիս ծայրին։ Սակայն թերևս ընթերցողն ուզենա հետաքրքրվել, գաղափար կազմելու այդ ժողովրդի ոճի և արտահայտության մասնակի ձևերի մասին կամ գուցե ուզենա ծանոթանալ այն հոդվածների հետ, որոնց հիման վրա ես ստացա իմ ազատությունը, ուստի ես կատարեցի ամբողջ պայմանագրի բառացի թարգմանությունը, կարողացածիս չափ հարազատությամբ, որ և հրապարակ եմ հանում․
Գոլբաստո մոմարեն Էվլամե գուրդիլս շեֆին մուլլի ուլլի գուե, ամենահզոր կայսրը Լիլիպուտիայի, բերկրանքն ու սարսափը տիեզերքի, որի հինգ հազար բլեստրեգ (մոտ տասներկու մղոն շրջագծով) կալվածները տարածվում են մինչև երկրագնդի ծայրը․ թագավոր թագավորաց, մեծագույնը մարդկային որդիներից, որն իր ոտքով հենվում է երկրի կենտրոնին և իր գլխով դիպչում է արևին, որի ակնարկով ծունկ են չոքում երկրային իշխանները․ հաճելի՝ ինչպես գարուն, հանգստավետ՝ ինչպես ամառ, բերրի՝ ինչպես աշուն, դաժան՝ ինչպես ձմեռ։ Նորին բարձրագույն մեծությունն առաջադրում է վերջին ժամանակներս մեր երկնային տիրապետությունը ժամանած Լեռ֊Մարդուն, հետևյալ հոդվածները, որ հանդիսավոր երդմամբ պարտավոր է ընդունել և սրբությամբ կատարել․
Ադմին, Վստահելի
1876
edits