Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 6604 բայտ, 21:00, 28 Ապրիլի 2014
Փոստատարին հազիվհազ ուշքի բերեցին եւ թեյ խմեցրին։ Իսկ նա երբ իմացավ, թե ինչն ինչոց է, չնեղացավ։ Միայն ձեռքը թափ տվեց ու երկու հատ կոնֆետ դրեց գրպանը։
 
==Տրակ֊տրակ Միտյան==
 
Պեչկինի բերած ամսագրի մեջ մի բացիկ կար։ Բացիկի վրա գրված էր․ «Վաղը խնդրում ենք տանը լինեք։ Ձեր անունով տրակտոր է ստացվել։ Երկաթուղային կայարանի պետ Նեսիդորով»։
 
Իսկ ներքեւում գեղեցիկ տառերով գրված էր․
 
<i>Մեր երկրում երկաթուղիներ շատ֊շատ կան</i>
 
Դա բոլորին ուրախացրեց։ Հատկապես Շարիկին։ Ու նրանք սկսեցին սպասել տրակտորին։
 
Վերջապես մի մեծ մեքենայով բերեցին տրակտորն ու իջեցրին տան մոտ։ Վարորդը Քեռի Ֆեոդորին խնդրեց ստորագրել եւ մի ծրար տվեց նրան։ Ծրարի մեջ նամակ ու մի գրքույկ կար տրակտորը վարելու մասին։ Նամակում գրված էր․
 
«Հարգելի Քեռի Ֆեոդոր (տղա)․
 
Դու խնդրել էիր, որ ուղարկեինք մի այնպիսի տրակտոր, որը ոչ լրիվ իսկական լիներ, ոչ լրիվ խաղալիք։ Բայց շատ ուրախ լիներ։ Ուղարկում ենք այդպիսի մի տրակտոր։ Գործարանի ամենաուրախ տրակտորը։ Սա փորձնական նմուշ է։ Բենզինի կարիք չի զգում։ Աշխատում է մթերքներով։
 
Տրակտորի մասին ձեր կարծիքը խնդրում ենք ուղարկեք գործարան։ Խորին հարգանքներով՝ ինժեներ Տյապկին (տրակտորի գյուտարար)։»
 
Հետո Քեռի Ֆեոդորը վերցրեց գրքույկն ու սկսեց կարդալ․
 
<i>Երկաթատրակտորեղենի գործարան։ Տրակ֊տրակ Միտյա Մթերային։ 20 ձ․ ու․</i>
 
Կարդաց ու զսում է․
 
— Ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ է նշանակում՝ «տրակ֊տրակ»։ Ի՞նչ է նշանակում՝ «ձ․ ու․»։
 
— Ի՞նչ կա չհասկանալու,— ասում է Կատուն։— Հասարակ բան է, ոնց որ երկու անգամ երկու։ «Տրակ֊տրակը» տրակտոր բառի կրճատ ձեւն է։ Իսկ «Միտյա» նշանակում է «մոդելը ինժեներ Տյապկինինն է»։ Որը քեզ նամակ է գրել։
 
— Իսկ ի՞նչ է նշանակում քսան «ձ․ ու․»,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։
 
— «Ձ․ ու․» նշանակում է ձիաուժ։ Այսինքն՝ տրակտորը կհաղթի քսան ձիերի․ եթե նրանք մի կողմի վրա քաշեն, տրակտորը՝ մյուս կողմի վրա։
 
— Այդ դեպքում ինչքա՞ն խոտ է հարկավոր նրան,— հառաչեց Շարիկը։
 
— Նրան խոտ հարկավոր չի։ Գրված է, չէ՞․ աշխատում է մթերքներով։
 
Քեռի Ֆեոդորը նույնիսկ զարմացավ։
 
— Այդքան բան որտեղի՞ց գիտես, այ Մատրոսկին, համ տրակտորի մասին, համ ազգանվան, համ ձիաուժի։
 
— Իմ չափ ապրեք, դուք էլ շատ բան կիմանաք,— ասում է կատուն։— Որտեղ ասես որ չեմ եղել։ Մեկ մի տիրոջ մոտ, մեկ՝ մի ուրիշի։ Մեկ՝ գրադարանում, մեկ՝ նույնիսկ խնայդրամարկղում։ Ես այնքան բան եմ տեսել կչանքումս, որ մի ամբողջ կատվային հանրագիտարան կարող եմ կազմել։ Դե տեսնում եք, դուք այստեղ դատարկ֊մատարկ խոսում եք, իսկ իմ Մուռկան մնաց առանց կթելու։
 
Նա գնաց, իսկ տղան Շարիկի հետ սկսեց տրակ֊տրակը գործի գցել։ Սկսեց ապուր լցնել տրակտորի մեջ ու կոտլետներ խցկել ուղղակի բաքի մեջ։ Տրակտորն սկսեց ուժգին դռդռալ։
 
Նստեցին տրակտոր եւ գնացին գյուղ։ Գնաց, գնաց Միտյան, գյուղով մեկ շրջեց, մեկ էլ հանկարծ մի տան առաջ կանգ առավ։
 
— Ինչո՞ւ կանգ առավ,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։— Չլինի՞ վառելանյութը վերջացել է։
 
— Բոլորովին էլ չի վերջացել։ Ուղղակի կարկանդակի հոտ է առել։
 
— Ի՞նչ կարկանդակ։
 
— Սովորական։ Ա՛յ, այն տանը կարկանդակ են թխում։
 
— Հիմա ի՞նչ պետք է անենք։
 
— Չգիտեմ,— ասում է Շարիկը։— Ճիշտն ասած, այնքան լավ հոտ է գալիս, որ ես էլ չեմ ուզում շարժվել։
 
— Այ թե տրակտոր եմ գնել, հա՜,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Ինչ է, բոլոր տների ու ճաշարանների մոտ հո կանգ չե՞նք առնելու։ Սա ոչ թե տրակտոր է, այլ գետաձի։ Այս անտակ տրակտ֊տրակը։ Ա՛յ ոչ ու փուչ լինի էդ ինժեներ Տյապկինը, հա՜՞
 
Ու նրանք ստիպված եղան մտնել տուն եւ կարկանդակ խնդրել։
 
Մատրոսկինը երբ իմացավ, բարկացավ Քեռի Ֆեոդորի վրա․
 
— Ասացի ոչինչ մի՛ գնեք, չլսեցիք։ Հիմա մենք էդ տրակ֊տրակի փորը չենք կարող լցնել։
 
Բայց հետո կատուն հանգստացավ․
 
— Ոչինչ, Քեռի Ֆեոդոր, հույսդ մի՛ կտրիր։ Լավ է, որ ես քեզ հետ եմ։ Քո տրակտորի լեզուն էլ կգտնենք։ Կարթից կախ տված նրբերշիկ կպահենք նրա առաջ։ Նրբերշիկի ետեւից կգնա եւ մեզ էլ կտանի։
 
Այդպես էլ արեցին։ Եվ շուտով տրակտորն սկսեց խելոքանալ։ Իսկ ընդհանրապես նա ուրախ տրակտոր էր։ Խցիկը պլաստմասսայից էր շինված, երկնագույն, իսկ անիվները մետաղից էին։ Եվ պետք էր յուղել ոչ թե մեքենայի յուղով, այլ՝ արեւածաղիկի։
 
Բայց Մուռկա կովը նրանց հոգսը ավելացրեց։