Changes
Որոշ չափազանցություններ թողնենք Լիսոգորսկու խղճին, բայց այն, որ Արտեմ Իվանովիչը կարողացավ ծածկել իր կրթության մեջ եղած խոր ճեղքվածքը, կասկած չի հարուցում։
= ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ։ ԹՌԻՉՔ =
Ն. Ե. ժուկովսկու անվան Ռազմաօդային ակադեմիան երկրում առաջին բարձրագույն ավիացիոն տեխնիկական ուսումնական հաստատությունն էր։ 1919 թվականին Մոսկվայում Ժուկովսկին կազմակերպել էր ավիացիոն տեխնիկում։ Մեկ տարի անց տեխնիկումը դարձավ Կարմիր օդային նավատորմի ինժեներների ինստիտուտ, ստանալով իր ստեղծողի անունը։ 1923 թվականին ինստիտուտը վերակազմավորվեց և դարձավ ռազմական ակադեմիա։
1923 թվականին, ստեղծվելու պահին, ակադեմիան տեղավորվեց նախկին Պետրոսյան պալատում, որը կառուցել էր նշանավոր ճարտարապետ Մ․ Ֆ․ Կազակովը։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ավիացիայի համար մասնագետներ պատրաստում էին Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում (ՄԲՏՈՒ-ի աերոդինամիկական ամբիոնի բազայի վրա 1930 թվականին ստեղծվեց Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտը), Լենինգրադում, Կիևում, Խարկովում։ Բայց Ռազմաօդային ուժերի այնպիսի կադրեր, որոնք հատկապես պատրաստվում էին գիտական հիմնարկություններում, շարային զորամասերում և ավիացիոն արդյունաբերությունում աշխատելու համար, տալիս էր միայն Ն․ Ե. Ժուկովսկու անվան Ռազմաօդային ակադեմիան։
Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ունի իր ոճը, իր տրադիցիաները։ Դրանք ուներ նաև Ռազմաօդային ակադեմիան։ Գլխավոր գիծը բնորոշ է ռազմաուսումնական հաստատություններից շատերին՝ ամեն մի շրջանավարտ պետք է դառնար և՛ հմուտ գործնական աշխատող, և՛ տեսական մտածողության ընդունակ մասնագետ։
Ուսման առաջին իսկ օրերից Միկոյանը զգաց ակադեմիայում տիրող բարձր պահանջկոտության մթնոլորտը։
«Մեզ հարկավոր է այնպիսի ինժեներ,— ասում էր ունկնդիրներին, 1931 թվականի դեկտեմբերին, երկրի Ռազմաօդային Ուժերի պետ Յակով Իվանովիչ Ալկսնիսը,— որը գործնականորեն կարողանում է կազմակերպել նոր նյութական մասի տեխնիկական շահագործման աշխատանքը անմիջականորեն շարքում և դպրոցներում, որն այդ գործում կարող է լինել զորամատի հրամանատարի անմիջական օգնական։ Հարկավոր է այնպիսի ինժեներ, որը գիտահետազոտական ինստիտուտում աշխատելով ընդունման գծով, կարողանա տալ ինքնաթիռի, մոտորի ու սպառազինության կատարելագործման նմուշներ նորագույն տեխնիկական ու օպերատիվ-տակտիկական արվեստի հիման վրա։ Հարկավոր է պայքարել կշռի յուրաքանչյուր կիլոգրամի նվազեցման համար, առանց նվազեցնելու ամրության պաշարը»։
Ակադեմիայի ունկնդիրները սովորական ուսանողներ չէին։ Նրանք զինծառայողներ էին, որոնք իրենց զինվորական պարտքը կատարում էին արտասովոր պայմաններում՝ դպրոցական նստարանին նստած։ Նրանք հագնում էին զինվորական համազգեստ, կրում նագաններ, որոնցով, Միկոյանի դասընկերներից մեկի արտահայտությամբ․ «մաշում էին գիմնաստյորկաները»։ Այդ երիտասարդներին թույլ չէին տալիս մի րոպեով անգամ մոռանալ, որ իրենք ապագա որակյալ մասնագետներ են և միաժամանակ՝ հրամանատարներ, որոնցից մարտական ավիացիան շատ բան է սպասում։
Ակադեմիայի մոտով անցնող № 13 տրամվայի երթուղին սկսվում էր Ստրաստնոյ պուրակից (այժմ՝ Պուշկինի հրապարակ)։ Այդտեղ տրամվայը պտույտ էր գործում և, դանդաղորեն շրջադարձ կատարելով, սահում էր Տվերսկայա փողոցով։ Անցնելով հաղթական կամարի և Բրեստ-Լիտովսկի (այժմ՝ Բելոռուսական) կայարանի մոտով, տրամվայը մտնում էր կանաչ ծառերի միջանցքը։ Մոսկվան կարծես այստեղ վերջանում էր։
Անիվավոր ակումբում, որ ունկնդիրների համար առավոտյան ժամերին դառնում էր տրամվայը, տաք վեճեր էին գնում ինչպես իրենց ակադեմիական, այնպես էլ միջազգային տարբեր խնդիրների շուրջը։
Շատերն իսկույն տարվում էին թերթերով, որոնք լի էին հետաքրքիր հաղորդումներով։ Աշխարհի մի մասը կառուցում էր, մյուսը՝ ուժեր էր կուտակում այն կործանելու համար։
Սովետական երկիրն ավարտում էր ժողովրդական տնտեսության սոցիալիստական վերակառուցումը։ Թերթերն ամեն օր հաղորդում էին գործարաններում ու նորակառույցներում ձեռք բերած հաջողությունների մասին, լուրեր բերում կոլտնտեսային դաշտերից, նորաստեղծ ՄՏԿ-ներից։
1931 թվականի հունվար-փետրվարին կուսակցության XVII համագումարը հաստատեց երկրորդ հնգամյա պլանը։ Արդյունաբերության բնագավառում առաջին պլանի վրա էր դրվում նոր ձեռնարկությունների յուրացման խնդիրը։
Թերթերը շատ էին գրում ֆաշիզմի մասին։ 1933 թվականի վերջերին ― 1934 թվականի սկզբներին մեծ տեղ էին գրավում ռայխստագի հրկիզման վերաբերյալ դատավարության հաշվետվությունները (դա պատրվակ էր Գերմանիայի կոմունիստական կուսակցությունն արգելելու համար)։ Լայպցիգի դատավարությունը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր։ Գեորգի Դիմիտրովի աննախադեպ մենամարտը «№ 2 նացիստի» դեմ, ինչպես սիրում էր իրեն անվանել Գյորինգը, տպավորություն էր գործել և հիշվում էր երկար ժամանակ։
Նոր ինդրուստրիալ կենտրոնների կառուցումների մասին հաղորդումներն ընկալվում էին ինչպես ամփոփագրեր ռազմաճակատից։ Այդ հսկայական ճակատում ակադեմիայի կոմերիտականները ևս ունեին իրենց տեղամասը։ Բահերը և լինգերը ձեռքներին ունկնդիրները բազմիցս հաստատում էին այն ժամանակ հայտնի լոզունգը՝ «Մետրոն կառուցում է ամբողջ Մոսկվան»։
Երիտասարդներն ապրումների մեջ էին նաև սպորտսմենների հաջողությունների՝ ֆուտբոլիստների առաջին միջազգային հանդիպումների, Մոսկվա—Կարակում—Մոսկվա ավտովազքի ավարտման կապակցությամբ։
Ունկնդիրների հետաքրքրության շրջանն ընդարձակ էր, բայց հիմնականը մասնագիտական գործերն էին։
1933 թվականի սեպտեմբերի 30-ին Սոսկվայի երկնքում կախվեց «СССР-1» ստրատոստատը։ Մարդկային բազմությունը կանգնած նայում էր երկնքին։ Կատակ բան չէր՝ օդագնացները 19 հազար մետր վեր էին բարձրացել։ Այդ գործի ռահվիրաներից էին նաև ակադեմիայի շրջանավարտները։ Դեպի ստրատոսֆերա կատարած թռիչքի գիտական նախապատրաստման և ապահովման գործում ակադեմիայի ունեցած դերը նշվել էր նույնիսկ ՍՍՀՄ Հեղռազմախորհրդի հատուկ հրամանում։
Դեպի ստրատոսֆերա կատարած գրոհում մասնագետները նոր հնարավորություններ էին տեսնում ռազմական ավիացիայի համար։ Հետախույզ և ռմբակոծիչ ինքնաթիռների կոնստրուկտորները ոչ առանց հիմքի գտնում էին, որ մեծ բարձրությունները իրենց մեքենաների թռիչքը կդարձնեն անվտանգ։ Սակայն կործանիչ ինքնաթիռներ կառուցողները նույնպես ձգտում էին ստրատոսֆերան նվաճել։
1934 թվականի ձմռանը երկիրը հուզումների մեջ էր չելյուսկինցիների համար։ Նրանց փրկելու համար օդաչուներն անում էին այն ամենը, ինչ հնարավոր էր․․․
— Տեղ կհասնե՞ն ինքնաթիռները, թե ոչ։ Կդիմանա՞ն մարդիկ։ Վթարի չե՞ն ենթարկվի արդյոք մեքենաները։
Տրամվայի կանգառը ընդհատում էր կենսահույզ բանավեճերը։ Ձախ կողմում Խոդինկա դաշտն էր։ Աջ կողմում՝ Պետրոսյան պալատը։ Ներկայացնելով անցագրերը, երիտասարդները անցնում էին դարբասով․․․
Օրն ակադեմիայում սկսվում էր առավոտյան ստուգումով։ Շարքի էին կանգնում երկրորդ հարկի կլոր դահլիճում։ Երկու-երեք ժամ տևող պարապմունքներից հետո, մեծ դասամիջոցին, տեղի էր ունենում ֆիզկուլտուրայի ինտենսիվ մարզալիցքը բաց օդում։
Ակադեմիայում մեծ ուշադրություն էր դարձվում սպորտին, և Արտեմ Իվանովիչը սպորտով զբաղվում էր ոգևորությամբ, դեռ ավելին՝ մոլեգնորեն։ Տհաճություն էր պատճառում միայն մարմնամարզական ձիագերանը։ Խանգարում էր ցածրահասակությունը։ Բայց վայր ընկնելը, վնասվածքները չէին վախեցնում ու ետ պահում նրան այդ անհնազանդ մարզագործիքից։
Հաղթահարել, ֆիզիկական անկարողություն չցուցաբերել՝ Միկոյանը այդ ձգտումը պահպանեց մինչև իր կյանքի վերջը։ Երբ նույնիսկ ուժից վեր աշխատանքից մաշված սիրտն ավելի ու ավելի հաճախ էր իրեն զգալ տալիս, նա ամեն առավոտ լուրջ ու կենտրոնացած ֆիզիկական մարզանք էր կատարում։
Ֆիզիկական մարզանքներին հաջորդում էր հրաձգությունը։ Միկոյանը շատ դիպուկ էր կրակում, որը բարձր էր գնահատվում ակադեմիայում։
Արտեմ Իվանովիչը և նրա ընկերները շատ մեծ ուշադրությամբ կին ունկնդրում Բ․ Մ. Զեմսկովի տեսական աերոդինամիկայի վերաբերյալ դասախոսությունը։ Փորձարարական աերոդինամիկան ուսում նասիրում էին նրա հիմնադիրներից մեկի՝ Բ․ Ն․ Յուրևի ղեկավարությամբ։ Մաթեմատիկայի դասախոսությունները փայլուն կերպով կարդում էր Վ․ Վ․ Գոլուբևը։ «Օդային պտուտակներ» և «Թռիչքի դինամիկա» դասընթացները՝ Վ. Պ․ Վետչինկինը։ Շարժիչների հետ ունկնդիրներին ծանոթացնում էր Բ․ Ս. Ստեչկինը, որը գիտնական էր և օդառեակտիվ շարժիչների տեսության հիմնադիրն ու կոնստրուկտորը։
Մեծ ուշադրություն էր դարձվում ունկնդիրների ռազմական մտածողության կազմավորմանը։ Ռազմական առարկաները դասավանդողների թվում էին քաղաքացիական պատերազմի զորավարներից մեկը՝ առասպելական Գայը, խոշորագույն մասնագտներ Ա․ Ն․ Լապչինսկին, Ա․ Ա․ Սվեչինը, Ֆ. Ֆ. Նովիցկին, Դ. Մ. Կարբիշևը, Ն․ Ա. Յացուկը, ոչ մշտական դասախոսությունների համար հրավիրվում էր Բ․ Մ․ Շապոշնիկովը, որը հետագայում դարձավ Սովետական Միության մարշալ։
Հրամանատարական ֆակուլտետը պատրաստում էր ավագ և միջին կարգի հրամանատարներ։ Ինժեներական ֆակուլտետն այդ իմաստով ավելի լայն էր։ Ն․ Ե․ Ժուկովսկու անվան Ռազմաօդային ակադեմիայի ավարտական դիպլոմ ունեցող ռազմական ավիացիոն ինժեներները դառնում էին ամենատարբեր պրոֆիլի մասնագետներ։ Բացի օդաչուներից ու շտուրմաններից (այն ժամանակ նրանց դիտորդ-օդաչու էին անվանում), ավիացիայի հրամանատարներից, ինԺեներական կրթություն ունեցող փորձարկիչ-օդաչուներից, ակադեմիայի ունկնգիրներից դուրս եկավ պլաներիստների և պլաներ կառուցողների մի խոշոր ջոկատ, որոնք հետագայում դարձան ականավոր աերոդինամիկներ և ինքնաթիռների կոնստրուկտորներ։ Նրա պատերի ներսում են ինժեներական կրթություն ստացել մխոցավոր և ռեակտիվ շարժիչների ապագա հանրահայտ կոնստրուկտորներ, սարքավորումների ու սպառազինության մասնագետներ, ինքնաթիռաշինական և մոտորաշինական գործարանների դիրեկտորներ ու գլխավոր ինժեներներ, բազմաթիվ գիտնականներ, որոնք մեծապես հարստացրել են ավիացիոն գիտությունը։
Աերոդինամիկայի, ինքնաթիռների ամրության հաշվարկման, շարժիչների, ինքնաթիռների կոնստրուկցիաների վերաբերյալ հիմհական դասագրքերը գրող և գործնականորեն այդ կոնստրուկցիաներն ստեղծող պրոֆեսորների հետ կարելի էր խորհրդակցել, իսկ չհամաձայնվելու դեպքում՝ նույնիսկ վիճել։ Առաջավոր մտահղացումները, ինքնուրույն կարծիքներն այստեղ միշտ պաշտպանություն էին գտնում։
Հաճախակի բանավեճերն առիթ էին տալիս մտածելու, ընդհանրացումներ անելու, նպաստում էին դատողությունների ինքնուրույնությանը։
Այն տարին, երբ Միկոյանը դարձավ ակադեմիայի ունկնդիր, նրա «Առաջ և դեպի վեր» բազմատպաքանակ թերթում հայտնվեց մի հայտարարություն․
«Պաչըավիաքիմի կենտրոնական խորհրդին կից օդային տեխնիկայի բյուրոյում գոյություն ունի ռեակտիվ թռիչքների և ռեակտիվ շարժիչների ուսումնասիրման խմբակ։
Մի շարք էնտուզիաստ ինժեներներ ջերմորեն մասնակցում են այդ գործին։ Բայց աշխատողները դեռ քիչ են։ Հարկավոր են նոր թարմ ուժեր մեծ ապագա խոստացող այդ գործի զարգացման համար։
Այն ընկերները, ովքեր ցանկանում են փորձել իրենց ուժերն ու գիտելիքները ռեակտիվ շարժիչների և հրթիռապլաներների, հրթիռասահնակների, գլիսերների նոր տիպերի նախագծման բնագավառում, կարող են ցուցակագրվել Աերոնավագնացության լաբորատորիայի պետի օգնական՝ լետնաբ ընկ. Սումարոկովայայի մոտ, կորպ. «Գ», սեն. 186, հեռ. Մ 68»։
Անցավ մեկ տարի, և բարձր կուրսերում սկսվեց մասնագիտացումը ռեակտիվ շարժիչների բնագավառում։ Ներգրավեցին առաջնակարգ մասնագետների՝ տեսաբանների ու պրակտիկների։ Հրթիռային շարժիչների ու վառելանյութերի վերաբերյալ դասախոսությունները հանձնարարվեցին Վ․ Պ․ Գլուշկոյին, որն այժմ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է և ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Ինչպես բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, պարապմունքներն ակադեմիայում տարվում էին բրիգադալաբորատորական մեթոդով։ Ուսումնական առաջադրանքը տրվում էր բրիգադին, քննությունները հանձնում էին բրիգադով։ Անց էին կացվում նաև այնպիսի միջոցառումներ, որոնք այսօր բոլորովին արտասովոր են։ Ահա թե ինչպես էր նկարագրում դրանք «Առաջ և դեպի վեր» բազմատպաքանակ թերթը։
«Ներկայումս բոլոր բտուհներում սկսվում են տարածվել ակադեմիական մարտերը տարբեր առարկաների գծով։ Ակադեմմարտերի էությունը հետևյալն է․ որևէ «Ա» խումբ այդ առարկայի գծով ազատ մրցության է հրավիրում «Բ» խմբին։ Նշանակվում է ժյուրի։ Մարտը գնում է, օրինակ, եռամսյակում, ունկնդիրների կողմից անցած նյութի շուրջը։ Մեկ խմբի ունկնդիրները տեսական հարցեր ու խնդիրներ են առաջադրում մյուս խմբին։ Ժյուրին որոշում է, թե ով է շահում առաջնությունը»։
Քննությունների կոլեկտիվ հանձնումը հիանալի հնարավորություն էր պարապմունքներում թույլ տրված բացերը քողարկելու համար։ Բայց նման քողարկումների կարիք Միկոյանը չուներ։ Ընդհակառակը, զգալով իր թուլությունը (սկզբնական շրջանում Արտեմ Իվանովիչը դժվարանում էր մաթեմատիկայից՝ զգալ էր տալիս ոչ բավականաչափ պատրաստվածությունը), նա աշխատեց արագ վերացնել այդ բացը։
Թե՛ բրիգադալաբարատոր մեթոդը, թե՛ ակադեմմարտերը կարճ տևեցին։ Միկոյանի ակադեմիա ընդունվելուց մեկ տարի անց դրանք վերացան։ Յուրաքանչյուր ունկնդիր սկսեց քննությունները հանձնել ինքնուրույն, իր գիտելիքների համար լրիվ պատասխանատվությամբ։
Միկոյանը սովորում էր լրջորեն, ագահությամբ լրացնելով իր կրթության պակասը։
Միկոյանի ուսուցիչների թվում կային շատ փայլուն ինժեներներ, որոնք միանգամայն փիլիսոփայորեն էին վերաբերվում իրենց աշխատանքին։ Տեխնիկայի փիլիսոփաներից էր Վիկտոր Ֆյոդորովիչ Բոլխովիտինովը։ Վիկտոր Ֆյոդորովիչը շատ ջերմ վերաբերմունք ցուցաբերեց ունկնդիր Միկոյանի հանդեպ և մեծապես նպաստեց կոնստրուկտորության նկատմամբ նրա նախասիրության ամրապնդմանը։
— Բնության և նրանում տեղի ունեցող պրոցեսների մասին մեր ունեցած գիտելիքները,— բազմիցս իր աշակերտներին ասում էր Բոլխովիտինովը,— արտահայտվում են տարբեր գիտությունների բազմաթիվ օրենքներով։ Այդ գիտությունները բազմաթիվ են և պահանջում են դրանցով զբաղվող մարդկանց մասնագիտացում։ Տեխնիկան բարդանում է։ Առանց տարբեր մասնագետների թիվը ավելացնելու այն դարձել է անհնարին։
Մասնագետներից յուրաքանչյուրը (ինքնաթիռի համար այդ մասնագետները աերոդինամիկներն են, ամրագետները, կոնստրուկտորները, տեխնոլոգները, արտադրության մասնագետները, շարժիչագործները, էլեկտրիկները, ռադիստները, սպառազինագործները և այլն) ապահովում է տեխնիկայի իր ճյուղի հուսալիությունն ու արդյունավետությունը։ նոր ինքնաթիռ ստեղծելու ժամանակ այդ բոլոր ճյուղերի ներկայացուցիչները մտնում են սերտ ընկերակցության մեջ։ Այստեղից առաջանում է ընդհանրացումների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն են տալիս պարզել կոլեկտփվ ստեղծագործության ու կապի հիմնական պայմանները...
Ունկնդիրներին մասնագիտության «գաղափար» տալու ձգտումը բնորոշ էր ոչ միայն Բոլխովիտինովին։ Մյուս պրոֆեսորներին էլ էին բացատրում, թե ինչով պետք է աշխատանքում ղեկավարվի յուրաքանչյուր կոնստրուկտոր, այդ թվում՝ նաև գլխավորը։ Նրանք ունկնդիրներին սովորեցնում էին մտածել։
Կանցնեն տարիներ, և Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս ակադեմիկոս Արտեմ Իվանովիչ Միկոյանը բարի խոսքով կհիշի իր ուսուցիչներին, որոնք սովորեցրել էին նրան մտածել, կշռադատել ու գնահատել փաստերը, խիզախել ու տեսնել հեռավոր ապագան։ Ակադեմիայի հիսունաւմյակին նա ասաց.
— Ես վերհիշում եմ անդադար որոնումների, դառնությունների ու հաջողությունների տարիները, անհավատալի արիության ու խիզախության, հայրենական ավիացիան կառուցող մարդկանց անհավատալի ջանքերի տարիները։ Որպես ակադեմիայի սան ես միշտ ջերմությամբ եմ հիշում այնպիսի ականավոր պրոֆեսորների, ինչպիսիք են Յուրևը, Պիշնովը, Գոլուբևը, Կոզլովը, և ուրիշ շատ դասախոսների...
Հետագայում, երբ Միկոյանը դուրս եկավ ինքնուրույն ճանապարհ, նրա առանձնասենյակում մշտապես կախված էր Նիկոլայ Եգորովիչ ժուկովսկու դիմանկարը։ Դա էլ մի յուրօրինակ տուրք էր ակադեմիային, չէ որ այնտեղ ժուկովսկու աշակերտներն էին Միկոյանի ուսուցիչները։
Արտեմ Իվանովիչի պարզ, ինչպես ասում են, մարդամոտ բնավորությունը, հաստատակամությունը, սկզբունքայնությունը նրան արժանացրել էին ընկերների հարգանքին ու համակրանքին։ Ունկնդիր Միկոյանին, որն այդ ժամանակ արդեն կուսակցական աշխատանքի բավականաչափ փորձ ուներ, շատ անգամ են ընտրել կուսակցական կազմակերպության քարտուղար։
Ամբողջ կյանքում Միկոյանը հիանալի լեզու էր գտնում մարդկանց հետ՝ ամենատարբեր բնավորության տեր մարդկանց հետ։ Ընկերների մի մասն ակադեմիա էր եկել դպրոցական նստարանից (ավելի ճիշտ՝ բանֆակից), մնացածներն եկել էին բանակից։ Դասընթացի այդպիսի կազմավորումը գիտակցաբար էր արված։ Ունկնդիրների կեսը կադրային զինվորականներ՝ հրամանատարներ, տեխնիկներ էին։ Երկրորդ կեսը քաղաքացիներ էին (ակադեմիայում նրանց «կոմերիտականներ» էին անվանում), որոնք ավելի բարձր հանրակրթական պատրաստականություն ունեին։ «Ծերերի» առավելությունը նրանց փորձառությունն էր, զինվորական գործում ունեցած հմտությունը։
Ամառային պարապմունքների ժամանակ ճամբարներում ռազմական օդաչու եղած ունկնդիրներն օդ էին բարձրացնում օդաչուական պատրաստականություն չունեցող իրենց ընկերներին։ Այդպիսի վարժական թռիչքների ժամանակ Միկոյանին օդ բարձրացրեց նույն ինժեներական ֆակուլտետի ունկնդիր, օդաչու Անդրեյ Գրիգորևիչ Կոչետկովը։ Զբաղվելով սպորտով, Միկոյանը և Կոչետկովն առաջ էլ էին հանդիպել Մոսկվայի ավտոգործարանի լողավազանում։ Հիմա ծանոթությունն այլ բնույթ ստացավ։ Այն շարունակվեց գրեթե երեսուն տարի, վաստակավոր փորձարկիչ-օդաչու, Սովետական Միության հերոս ինժեներ Կոչետկովը բազմիցս փորձարկել է Արտեմ Իվանովիչ Միկոյանի կործանիչ ինքնաթիռները։
Բայց եթե վարժական թռիչքներն ուսումնական ծրագրի պարտադիր տարրերն էին, ապա պարաշյուտային պատրաստականությունը չէր մտնում նրա շրջանակների մեջ։ Պարաշյուտով պարապմունքների նախաձեռնողը եղավ Միկոյանի ընկեր օդաչու Մ․ Պ․ Վախրուշևը։ Նա օդ էր բարձրացնում համակուրսեցի պարաշյուտիստներին։ Պարաշյուտով ցած էր նետվում նաև Արտեմ Իվանովիչը, որը շատ էր հպարտանում սպորտի այդ պատվավոր ձևին մասնակից դառնալու համար։
1935 թվականին Միկոյանին արտադրական պրակտիկայի ուղարկեցին Խարկով։ Այն ժամանակաշրջանի Խարկովը ինքնաթիռաշինության համար նոր մտահղացումների կենտրոններից մեկն էր։ Այնտեղ էր աշխատում ականավոր մասնագետ պրոֆեսոր Իոսիֆ Գրիգորևիչ Նեմաը։ 20-ական թվականներին ավարտելով Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտը, Նեմանը եկել էր աշխատելու հայտնի կոնստրուկտոր Կոնստանտին Ալեքսևիչ Կաչինինի բյուրոյում։ Լինելով ընդունակ և աշխատասեր մարդ, Նեմանն արագորեն առաջադիմեց, դարձավ թևի բրիգադի ղեկավար։ Նրա անմիջական մասնակցությամբ կառուցվել էին այնպիսի հայտնի ինքնաթիռներ, ինչպիսիք են՝ Կ-4-ը, Կ-5-ը, Կ-6-ը, Կ-7-ը, Կ-9-ը։ Այնուհետև Նեմանն սկսել էր աշխատել Խարկովի ավիացիոն ինստիտուտում, որտեղ շուտով գլխավորեց ինքնաթիռների կոնստրուկցիաների ամբիոնը։
Նրա կերպարը վառ կերպով նկարագրել է Ա. Գ․ Ագրոնիկը.
«Նեմանը վերին աստիճանի գրագետ ինժեներ էր, մեծ ճաշակով ու վիթխարի հիշողությամբ։ Նա բազմակողմանիորեն կրթված մարդ էր։ Դասախոսություն էր կարդում ինքնաթիռի կոնստրուկցիայի, ամրության հաշվարկման, հիդրոավիացիայի մասին։ Հիանալի մաթեմատիկոս էր։ Լինելով արդեն գլխավոր կոնստրուկտոր, ավարտել էր Խարկովի՝ համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը։
Նրա ջերմ վերաբերմանքը ուսանողների նկատմամբ, նրանց շատ ժամանակ, շատ ուշադրություն հատկացնելու ձգտումը, ուսանողների ռեալ նախագծերի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը ինչ-որ հատուկ, անկրկնելի իրադրություն էին ստեղծել ինստիտուտում։ Նրա հետ կարելի էր խորհրդակցել ամեն հարցով։ Ես կարծում եմ, որ Նեմանի հետ ունեցած կապերը, իսկ Միկոյանի՝ Խարկովում եղած ժամանակ այդ կապերը ուժեղ էին, չէին կարող տպավորություն չթողնել Արտեմ Իվանովիչի վրա։ Նա շատ բան կարող էր պատմել այնպիսի հարցասեր մարդու, ինչպիսին էր Արտեմ Իվանովիչը»։
Հրաժարվելով դիպլոմային նախագծեր կազմելու սովորական պրակտիկայից, երբ ուսանողն իր միտքն ու գիտելիքները ներդնում է նախագծի մեջ, որպեսզի այնուհետև, պաշտպանությունից հետո, գծագրերի փաթեթները և հարակից բացատրագրերը հավերժ թաղվեն ինստիտուտի արխիվներում, Նեմանը ինստիտուտի գիտահետազոտական սեկտորին կից կազմակերպեց կոնստրուկտորական բյուրո, ներգրավելով ավարտող ուսանողներին և երիտասարդ դասատուներին։ Այդ կոնստրուկտորական բյուրոյում դիպլոմնիկ-ուսանողները նախագծեցին ԽԱԻ-1 ինքնաթիռը․ դա մարդատար ինքնաթիռ էր, որն ավելի արագ էր թռչում, քան կործանիչ ինքնաթիռները։
Անշուշտ դա աչքի ընկնող հաջողություն էր։ Այն ժամանակվա համար այդ ինքնաթիռն էլ շատ առաջադեմ էր համարվում։ Դա մի ազատատար շրջահոս մոնոպլան էր, կառուցված նոր գերամուր նյութերից, ոչ մեծ բարակ թևերով, առանց շեղաձողերի ու ձգալարերի, հարթ երեսապատվածքով, ներս քաշվող շասսիներով։ Տարբեր տեսակի նորությունների կիրառումը հնարավորություն էր տվել ավելացնելու արագությունը 20—30 տոկոսի չափով՝ առանց ավելացնելու շարժիչների հզորությունը։ Այդչափ նշանակալից արդյունքը մեծ պարտականություն էր դնում նաև ռազմական ինքնաթիռների կոնստրուկտորների վրա։ Դեռ վերջերս նրանք ընթանում էին ավանգարդում և հանկարծ նրանց հերթը հասավ տեխնիկական արդյունավետ լուծումները փոխառնելու քաղաքացիական ինքնաթիռների կոնստրուկտորներից։
Գործարանի ԿԲ-ում, ուր պրակտիկայի էր եկել Միկոյանը, ուսանողներին հարգում էին, գնահատում էին նրանց ընկալման թարմությունը։ Կոնստրուկտորներից մեկը իր աշխատատեղը զիջեց Արտեմ Իվանովիչին (ԿԲ-ում նեղվածք էր)։ Բայց, չնայած տանտերերի սիրալիրությանը, առաջին իսկ պահից Միկոյանը հասկացավ, որ նրանք Ժամանակ չունեն գբաղվելու նորեկ պրակտիկանտով...
Գործարանում չափազանց տհաճ արտակարգ դեպք էր պատահել, որ ծագել էր Գ. Պ. Գրիգորովիչի կառուցած և Լ․ Վ․ Կուրչևսկու ավտոմատիկ դինամոռեակտիվ թնդանոթներով զինված «z» տիպի կործանիչ ինքնաթիռը սերիական արտադրության հանձնելու պահին։ Փորձարկման ժամանակ գործերը վատ ընթացք էին ստացել։ Կործանիչը դժվարությամբ էր դուրս գալիս պտույտէջքից (շտոպորից)<ref>Շտոպոր են անվանում ինքնաթիռի անղեկավարելի անկումը քթամասով դեպի ցած, միաժամանակ պտույտներ գործելով երկայնակի առանցքի շուրջը արագությունը կորցնելու հետևանքով։ Ավիացիայի արշալույսին շտոպորը մահացու վտանգավոր էր։ Այն բանից հետո, երբ գիտնականները պարզեցին այդ երևույթի ֆիզիկական պատկերը, հաջողվել է մշակել ինքնաթիռը շտոպորից հանելու համար ինքնաթիռը վարելու նոր եղանակներ։ Թեև այդ ուղղությամբ շատ բան է արված, բայց մեր օրերում ևս շտոպորը միշտ անվտանգ չէ։
</ref>։
Գործարանի կոնստրուկտորների համար այդպիսի լուրջ թերության պատճառների որոնումը և շտկումը միաժամանակ և ծառայական պարտք էր, և պրոֆեսիոնալ պատվի հարց։ Այն ժամանակ շտոպորի հետազոտման վերջնականապես մշակված, հստակ, մինչև գործնական կիրառման հասցրած եղանակներ դեռ գոյություն չունեին։ Ճիշտ է, դեռևս 1927 թվականին Վլադիմիր Սերգեևիչ Պիշնովը ՍՍՀՄ-ում առաջինը լրջորեն զբաղվեց շտոպորի հարցով։ Շտոպորը ուսումնասիրում էին նաև ԿԱՀԻ-ում՝ Ա. Ն. Ժուրավչենկոյի ղեկավարությամբ։ 1834 թվականին հրապարակվեց մի աշխատանք, որտեղ Ժուրավչենկոն նկարագրում էր առաջին փորձերի արդյունքները։ Բայց և այնպես այդ բարդ խնդրի վերջնական լուծումը դեռ հեռու էր, շտոպորը մնում էր ավիացիայի պատուհասը։
Խարկովցիները դրությունից դուրս գալու ելքը փնտրում էին շոշափելով։ Պոչաթևերը մերթ բարձրացնում էին, մերթ ցածրացնում, փոխում էին ղեկերի, ստաբիլիզատորների մակերեսը, փորձում որոշել ավելի հաջող հակաշտոպորային կենտրոնադրումը։ Այդ բոլորն արվում էր որպես փորձարարություն։ Կործանիչի մեջ դնում էին ջրով լիքը բաքեր։ Կոնստրուկտորների խորհրդով փորձարկիչ-օդաչուն դուրս էր թափում ջուրը, աշխատելով որոշել, թե ինչպես է դրա հետևանքով ծանրության կենտրոնի փոփոխվող դիրքը ազդում շտոպորից դուրս գալու վրա։
— Արտեմ Իվանովիչը իսկույն մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այն ամենի նկատմամբ, ինչով մենք զբաղված էինք,— մտաբերում է Ալեքսանդր Գրիգորևիչ Ագրոնիկը։— Նա ուղևորվում էր օդանավակայան։ Հազվադեպ էր մնում ԿԲ-ում, իսկ երբ մնում էր, ակտիվորեն մասնակցում էր պոչաթևերի փոփոխման զանազան տարբերակների քննարկմանը։ Երբ նա արտահայտվում էր, զգացվում էր, որ նրա մտքերը լավ մտածված են, որ հասկացել է մեր բոլոր բարդ հարցերի էությունը։ Երբ որևէ կոնկրետ թվեր էր բերում, ապա, որպես կանոն, դրանք շատ մոտ էին լինում այն թվերին, որոնք ստացվում էին մեր հաշվարկումներով։ Մեծ բավականությամբ էր տեղեկանում մեր ստացած արդյունքների մասին։
Ավրալը վերջացել էր, և Միկոյանը կարողացավ զբաղվել այն գործով, որի համար եկել էր Խարկով՝ ծանոթանալ ԿԲ-ի աշխատանքներին իր պրակտիկայի ծրագրով։ Սակայն այստեղ ևս նա չսահմանափակվեց սովորական շրջանակներով, աշխատելով խորամուխ լինել Խարկովի ավիացիոն ինստիտուտում ինժեներական կրթության սկզբունքորեն նոր դրվածքի կազմակերպման՝ գործնական նախագծման գործում։ Չէ որ, ըստ էության, հռչակավոր արագընթաց ԽԱԻ-1 ինքնաթիռը կոլեկտիվ դիպլոմային նախագիծ էր։
Մեծ հետաքրքրությամբ էր ուսումնասիրում Միկոյանը նաև խարկովցիների մյուս ինքնաթիռները, որոնք կառուցվել էին «թռչող թև» սխեմայով՝ ԽԱԻ-4-ը, ԽԱԻ-5-ը, ԽԱԻ-8-ը, պլաներլյոտը։
ԱՎԻԱՆԻՏՕ-ի<ref>ԱՎԻԱՆԻՏՕ ― Ավիացիոն ինժեներատեխնիկական ընկերությունը։ Այն ինժեներների հասարակական կազմակերպությունն էր, որոնք մասնագիտացել էին ինքնաթիռաշինության բնագավառում։
</ref> նախագահ ակադեմիկոս Գեորդի Ֆեդորովիչ Պրոսկուրայի հետ հանդիպումը, որ Խարկովի ինքնաթիռագործների հոգևոր հայրն էր, ակտիվ մասնակցությունը ԱՎԻԱՆԻՏՕ-ի գիտական խորհրդին ներկայացվող նոր նախագծերի նյութերի քննարկմանը, պրոֆեսոր Իոսիֆ Գրիգորևիչ Նեմանի հետ ունեցած երկարատև զրույցները, անշուշտ, հարստացրին Միկոյանի գիտելիքները։ Ե՛վ Պրոսկուրան, և՛ Նեմանը, յուրաքանչյուրը յուրովի, կազմավորեցին Խարկովի ինքնաթիռաշինության դպրոցը, որը նկատելի հետք թողեց սովետական ավիացիայի պատմության մեջ։ Ակադեմիկոս Պրոսկուրայի խելքի, եռանդի, խանդավառության մասին հիացմունքով են արտահայտվում այն բոլոր ավիացիոն ինժեներները, որոնք սովորել կամ աշխատել են Խարկովում։
Ձեռք բերելով նոր հարուստ տեղեկություններ, ծանոթանալով ինքնաթիռների կոնստրուկցիաների ու արտադրության՝ իրեն մինչ այդ անհայտ առանձնահատկություններին, Միկոյանը վերադարձավ Մոսկվա։ Ուղևորությունը Խարկով օգնեց նրան վստահել իր ուժերին։ Մի գեղեցիկ օր նա ասաց իր համակուրսեցի Սամարինին.
― Լսիր, ես կարող եմ գտնել «Ռայտ-մորիհաուս» մոտոր։ Եկ, ավիետկա կառուցենք։
Շարժիչը ձեռք բերելուն օգնեց Միկոյանի ծանոթ ինժեներ Շիտիկովը։ Շիտիկովը, որ տեխնիկա սիրող մարդ էր և որոշ ժամանակ հետաքրքրվել էր ավիացիայով, հասկանում էր և՛ Միկոյանի ցանկությունը փորձելու իր ուժերը թեկուզ ոչ մեծ, բայց ինքնուրույն աշխատանքում, և՛ այն, թե որչափ խիստ է սահմանափակում այդ քայլը շարժիչի բացակայությունը։
_ Իսկ եթե քեզ մոտոր տա՞մ,— հարցրել էր Շիտիկովը։
― Ինքնաթիռ կկառուցեմ։
Քսանհինգուժանոց մոտորը, որ ժանգոտվում էր Շիտիկովխ աշխատած ձեռնարկությունում, պահանջում էր վերանորոգում և ինքնաթիռի համար պիտանի կլիներ շատ մեծ դժվարությամբ։ Միկոյանի և Սամարինի ընկերները՝ ունկնդիրներ Վալերիան Ալեքսանդրովիչ Տերցիևը և Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռոդինը, որոնք նախկինում եղել էին մոտորիստներ, վերահավաքեցին ու կարգավորեցին շարժիչը։
Շուտով, նախագծումն սկսելուց հետո, Միկոյանին ու Սամարինին միացավ ակադեմիայի երրորդ ունկնդիրը՝ Նիկոլայ Անտոնովիչ Պավլովը։
«Օկտյաբրյոնոկ»-ը, ինչպես որոշել էին անվանել իրենց ավիետկան Ա. Ի. Միկոյանը, Ն․ Ա. Պավլովը և Տ. Տ. Սամարինը, ունեցավ երեք կոնստրուկտոր, բայց ցուցակը գլխավորում էր Արտեմ Իվանովիչը ոչ միայն այն պատճառով, որ նրա ազգանունն ըստ այրուբենի առաջինն էր։ Խմբում նա ամենատարիքավորն էր՝ այդ երեք «հինգ րոպեով պակաս ինժեներների» կոնստրուկտորական կոլեկտիվի ղեկավարը։ Միկոյանը կատարեց աերոդինամիկական հաշվարկը։ Նա հորինողներից մեկն էր։
«Հնարավորությունները սահմանափակ էին,— վերհիշում է Տ. Տ․ Սամարինը,— իսկ ցանկությունները՝ հեռուն գնացող։ Մեզ թվում էր, թե սովորական սխեմա օգտագործելն անհետաքրքիր է։ Մոտորը սակավազոր էր, հետևապես հարկավոր էր գտնել առավել մեծ արդյունք տալու ընդունակ տարբերակ։ Քննության առանք տարբեր սխեմաներ և որոշեցինք կառուցել մոնոպլան՝ հրող պտուտակով։ Նարժիչը տեղադրվում էր հենասյան վրա՝ թևի տակ։
Կոնստրուկցիայի մշակման պրոցեսում մենք խորհրդակցում էինք Վլադիմիր Սերգեևիչ Պիշնովի և Վիկտոր Ֆյոդորովիչ Բոլխովիտինովի հետ։ Պիշնովն ստուգեց և հաստատեց աերոդինամիկական հաշվարկները։ Բոլխովիտինովը՝ կառուցման սխեման։
Մեծ օգնություն ցույց տվեց նաև Ալեքսեյ Իվանովիչ Շախուրինը, որը հետագայում դարձավ ավիացիոն արդյունաբերության ժողկոմ, իսկ այն ժամանակ ակադեմիայի գիտահետազոտական բաժնի պետն էր։
Արտեմը վատ չկատարեց աերոդինամիկական հաշվարկը, ճիշտ ընտրեց ղեկերի չափերը, հավասարակշռումը։ Ես կցանկանայի դա հատկապես ընդգծել, որովհետև մենք ոչ մի փչահարում չենք կատարել։ Հաշվարկեցինք, գծագրեցինք թղթի, պլազների վրա և սկսեցինք կառուցել...
Պտուտակը նույնպես մենք հաշվարկեցինք և գծագրեցինք «ճիշտ Յուրևի մեթոդով»<ref>Գործածելով «ճիշտ Ցուրևի մեթոդով» արտահայտությունը, Տ․ Տ. Սամարինը նկատի ունի օդային պտուտակների հաշվարկման այն մեթոդիկան, որ մշակել էր Ն․ Ե․ Ժուկովսկու աշակերտ, ակադեմիայի պրոֆեսոր, հետագայում ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Բ. Ն. Յուրևը։
</ref>։ Արտեմ Իվանովիչը պայմանավորվեց Ռազգուլյայի մոտ գտնվող կահույքի ֆաբրիկայի հետ։ Այդ ֆաբրիկայում պատրաստեցին պտուտակը։ Ինքնաթիռը պետք է զարգացներ ժամում մոտավորապես 120 կիլոմետր արագություն»։
Երբ ավարտել էին հաշվարկները և անցել գծագրերի թողարկմանը, այդ աշխատանքին, բացի Տ․ Տ․ Սամարինից, միացավ ունկնդիր Ե․ Ֆ․ Խրիստիովսկին։ Գծագրերի վրա, աշխատանքի ժամերից դուրս, աշխատում էին նաև ակադեմիայի երկու հաստիքային գծագրողներ։
Պահպանվել է Արտեմ Իվանովիչի նամակը ուղղված Սուրեն Ստեփանովիչ Շահումյանին: Միկոյանը գրում է, որ Մոսկվայի մարզի Պաջըավիաքիմի տեխնիկական խորհրդի հանձնաժողովը, քննարկելով ներկայացրած նախագծերը, «Օկտյաբրյոնոկը» համարել է ամենաարժանավորներից մեկը։ Ուստի և որոշել է․ «Ներկայացնել միութենական կոնկուրսի որպես լավագույն նախագիծ։ Այդ նախագծի համար տրամադրել մոտոր։ Անհապաղ կառուցել մեկ նմուշ։ Խնդրել Պաջըավիաքիմի կենտրոնական խորհրդին թույլատրել հանձնելու մասսայական արտադրության»։
Եվս, մի ոչ պակաս կարևոր փաստ է հպարտությամբ հայտնում Միկոյանն իր բարեկամին։ Նրան ուրախություն է պատճառում ապագա ինքնաթիռի էժանությունը։ «Օկտյաբրյոնոկ»-ի առաշին նմուշի աբժեքը կկազմի ընդամենը 12 հազ. ռուբլի, սերիական արտադրությունում՝ մոտ 5 հագար ռուբլի։
Դժվար է առաջին փոքրիկ մեքենայով որոշել կոնստրուկտորի «գործելակերպի» մանրամասնությունները։ Բայց «Օկտյաբրյոնոկ»-ը այնուակենայնիվ ապագա գործելակերպի որոշ յուրահատկությաններ ցուցաբերեց։ Բացի ցածր արժեքից (Արտեմ Իվանովիչի հաջորդ կոնստրուկցիաների խնայողականությունը հանրահայտ է), ավիետկան նշում էր նաև կոնստրուկտորական խիզախություն։
Չնայած զրոյի հավասար կոնստրուկտորական վարձին, «Օկտյաբրյոնոկ»-ի կառուցողները նախատեսել էին տեխնիկական նորություն, այսպես ասած՝ թևի մեքենայացում՝ ետնաթևերի, նախաթևերի վահանիկների սիստեմ, որոնք ավիետկաներում դեռ ոչ ոք չէր կիրառել։ Փոխելով դեպի վեր թռչելիս և վայրէջք կատարելիս թևի պրոֆիլի ձևը, մասամբ էլ չափսերը, մեքենայացումն էապես բարելավում էր ինքնաթիռի թռիչքային հատկությունները։
Այն բանում, որ մեքենայացված թևերը, որոնց սկզբունքորեն հնարավորությունը տեսականորեն հիմնավորել էր Ս. Ա․ Չապլիգինը, գրավել էին կոնստրուկտորական փոքրիկ կոլեկտիվի ուշադրությունը, մեծ ծառայություն ուներ Պյոտր Պետրովիչ Կրասիլշչիկովը, որը ղեկավարում էր աերոդինամիկայի գծով գործնական պարապմունքները։ Երիտասարդ, եռանդուն, Արտեմ Իվանովիչից միայն երկու տարով մեծ, Կրասիլշչիկովը վայելում էր ունկնդիրների հարգանքն ու համակրանքը, ուներ խիստ տեսական աշխատանքը առօրյա պրակտիկ գործերի վերածելու մի յուրահատուկ տաղանդ։
Մի անգամ Գևորգ Ավետիսյանը, որն աշխատում էր ՏԱՍՍ-ի խմբագրությունում, իր հետ հյուր տարավ Արտեմին։ Ավետիսյանի պաշտոնակցուհի Զոյա Լիսիցինան նշում էր իր ծննդյան օրը։ Լրացել էր նրա քսան տարին։
Նա սիրում էր երգել, պարել, զբաղվում էր նաև սպորտով, դիպուկ կրակում էր և ոչ առանց հպարտության կրում «Վորոշիլովյան հրաձիգ» պատվավոր կրծքանշանը։ Կենսուրախ, եռանդուն աղջիկը դուր եկավ երիտասարդին։
«Ինձ զարմացրեց խոշոր սև աչքերի ուշադիր հայացքը,— հետագայում հիշում էր Զոյա Իվանովնան։— Բայց ավելի շատ զարմացրեց նրա արտասովոր հարցը․
― Ինչե՞ր է սովորել նորածինը մինչև քսան տարեկան դառնալը։
Երբ ես ելա պարելու «Ռուսական»-ը, Անուշն առաջարկեց լեզգինկա։ Ես չհրաժարվեցի, սկսեցինք նրա հետ պատվել լեզգինկայով։ Երկուսս էլ գոհ մնացինք»։
Գրեթե հաջորդ օրվանից սկսած Գևորգը բարևներ էր բերում աշտոնակցուհուն։ Հետո սկսվեցին «նույնընթաց» ուղեկցությունները դեպի աշխատավայրը։ Նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչքան են հեռու միմյանցից ՏԱՍՍ-ը և Ժուկովսկու անվան ակադեմիան, դժվար չէ կռահել, որ այդ ուղեկցությունները հազիվ թե կարելի է նույնընթաց համարել։ Մեկ ամիս անց Արտեմը աղջկան տարավ մեծ եղբոր մոտ։
Զոյա Իվանովնայի վրա տպավորություն էր գործել այն, թե ինչպիսի մեծ հետաքրքրությամբ ավիացիայի մասին Արտեմ Իվանովիչին հարցուփորձ էին անում նրա եղբորորդիները (իսկ նրանք հինգն էին)։ Նրանք որոնում էին այնտեղ տանող ճանապարհը, ինչպես նրանց հասակակիցներից շատերը։ Պետությունն ընդառաջում էր երիտասարդության այդ հետաքրքրությանը։
1935 թվականի գարնանը Պաջըավիաքիմում ստեղծվեց Կենտրոնական աերոակումբ։ Մեկը մյուսի ետևից ինքնաթիռներով և պլաներներով ավիացիոն ռեկորդներ էին սահմանվում, երևելի թռիչքներ էին կատարում բևեռային օդաչուները։ ՀամԿ(բ)Կ Կենտկոմը և ՍՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում ընդունեցին Պաջըավիաքիմի՝ որպես Կարմիր բանակի մարտական ռեզերվի աշխատանքի մասին" Թռիչքային փորձարկումների անցավ արագընթաց Ի-16 կործանիչր։ Ավիացիային, հրթիռագնացությանը և միջմոլորակային հաղորդակցություններին նվիրված իր բոլոր աշխատությունները բոլշևիկների կուսակցությանը և սովետական իշխանությանը ավանդեց Կոնստանդին Էդուարդովիչ Ցիոլկովսկին։
― Մենք մեր օդային ուժերում աճեցրել և ներկայումս ավիացիայում ունենք այնպիսի մարդիկ, որոնք իրավամբ աշխարհի լավագույն ավիատորներն են համարվում,— ասաց. Կ․ Ե. Վորոշիլովը ստախանովականների առաջին խորհրդակցությունում ունեցած իր ելույթում։
Անաստաս Իվանովիչի հինգ որդիներից չորսը հետագայում իրենց բախտը կապեցին ավիացիայի հետ։
Զոյա Իվանովնան դուր էր եկել Անաստաս Իվանովիչի ընտանիքին։ Որտպես ավագ նա հարցրել էր եղբորը․
― Իսկ ի՞նչ կլինի, որ ամուսնանաս։
Եվ իրոք, գործն ամուսնության էր հասել։ 1936 թվականի փետրվարի 23-ին Զոյա Իվանովնա Լիսիցինան և Արտեմ Իվանովիչ Միկոյանը դարձան ամուսիններ։
<references />