«Պարիտետի» ժամը֊4

Գրապահարան-ից
«Պարիտետի» ժամը֊4

հեղինակ՝ Ավետիս Հարությունյան
աղբյուր՝ «Գյադաների ժամանակը»

Ռուսաստանը, այո, իսլամի խնդիր ունի։ Ինչպես ընդունված է ասել՝ իսլամ ծայրահեղականության։ Բայց Ռուսաստանի (ինչպես եւ Արեւմուտքի) թե խնդրի ըմբռնումն է տարբերվում մերինից եւ թե, բնականաբար, խնդրի լուծման եղանակը։ Սա տեսության ոլորտի տարաձայնություն չէ։ Մեր անհասկացողության (եթե կուզեք՝ անհամաձայնության) գինը վճարված է կորսված հայրենիքով ու միլիոնների կյանքով։

Իսկ Արեւմուտքի կամ քրիստոնյա աշխարհի՝ իսլամական ռադիկալիզմի ըմբռնման էությունը այն է, որ Արաբական ավազուտներում եւ Ասիայի անապատներում խորովվող ժողովուրդների հակառակությունը Ռուսաստանի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի արգավանդ հողերը վայելող ժողովուրդների հանդեպ՝ սողացող սոցիալական ընդվզում է ավելի, քան կրոնական անհանդուրժողականության դրսեւորում։ Նաեւ դեմոգրաֆիկ պայթյունի արդյունք (ինչպես եւ չինացիների, իբր, գաղափարաբանական հակառակությունը Արեւմուտքին), որը նույնպես սոցիալական խնդիր է։ Չմոռանանք, որ իսլամի ծագումը նախորդեց դեպի Միջերկրական ծովի հյուսիսային ու արեւմտյան բարեխառն կլիմայով ափերն ու դեպի Կասպիան ավազանի ոռոգելի հողերը իսլամի դրոշի տակ միավորված արաբական ցեղերի արշավանքին։

Արեւմուտքը սոցիալական այդ արհավիրքին դիմագրավում է ազատ հասարակությանը հատուկ միակ եղանակով՝ ինտեգրելով կամ ինտեգրվելով։ Եւ որպեսզի այդ ընթացքը պայթյուններով չլինի, ապահովության գոտիներ է կարգում քաղաքակրթությունների միջեւ։ Եւ ապահովության միջնաբերդերը ընտրվում են ոչ թե քրիստոնյա երկրների թվից, ինչպես հայերն են երազում, այլ նույն իսլամական, բայց բավարար չափով լուսավորյալ երկրների, որոնց համար նաեւ ոչինչ չի խնայվում, որ այդպիսին մնան։ Նաեւ հարաբերական բարեկեցության օջախներ է ստեղծում այդ աշխարհի ներսում։ Արեւմուտքը այդ քաղաքականությունը որդեգրել է ճարահատյալ, բայց գնալով դա դառնում է այդ երկրների համար օրգանական, որովհետեւ Արեւմուտքի ռասայական պատկերը փոխվում է։ Արեւմուտքը դառնում է խառնածին։

Բացառված չէ, որ Արեւմուտքը ճակատագրական սխալ է անում, բայց նա այդ «սխալ» ճանապարհով գնում է առնվազն կես հազարամյակ եւ մեր ու հույների կարծիքի հետ ոչ միայն հաշվի չի նստում, այլեւ մեր ինքնամատույց զոհողությունը հանուն քրիստոնեությանը, նույնիսկ մեր եղեռնը ի չարս է գործադրում կամ ծառայեցնում է նույն փափուկ դիմագրավման քաղաքականությանը։ Եւ «նեղացնում» է Թուրքիային, որովհետեւ Թուրքիան բուֆերի իր դերը ամբողջությամբ չկատարած, հախուռն մտնել է ուզում Եվրոպա։ Արդարն ասած, ուզում է վերադառնալ Եվրոպա, բայց Եվրոպան անցյալ դարի Եվրոպան չէ, եւ դեռ տարիներ են պետք, որպեսզի Թուրքիայի ապրանքներն ու ծառայությունները բերվեն Եվրամիության ստանդարտի։ Նաեւ այդպես մեկ էթնոսի խուռներամ ընդունելության Եվրոպան պատրաստ չէ։

Դրա համար են Թուրքիային ժամանակ առ ժամանակ տեղը դնում, եւ ոչ թե այն պատճառով, որ քրդերին օր ու արեւ չեն տալիս, իսկ հայերին ժամանակին կոտորել են։ Եւ Ֆրանսիան էլ թուրքերին կասեցնելու հարցում առաջ է ընկնում ոչ թե այն պատճառով, որ թիթիզ է, ինչպես հայերի մի մասն է կարծում, կամ մարդու իրավունքի մեռած են ու հայասեր, ինչպես մյուս մասն է մտածում, այլ որովհետեւ Ֆրանսիայում այդ բանը սրտանց է ստացվում նաեւ այն պատճառով, որ Ֆրանսիան աննկատ արաբանում է իր նախկին գաղութների հաշվին, իսկ արաբները Եվրոպայի այդ փափուկ կտորը համարում են իրենց բաժինը, ոչ թե թուրքերի կամ չինացիների։

Ֆրանսիան, անշուշտ, այդքան հեշտ հանձնվել չի ուզում։ Այդ պատճառով էլ երկու հազարամյակի սահմանին Ֆրանսիայի պառլամենտը երկու՝ օրգանապես իրար հետ կապված արտահերթ հարց ուներ օրակարգում․ Թուրքիայի Եվրոպա մտնելը դանդաղեցնելը ցեղասպանությունը դատապարտելու միջոցով եւ ռուս երիտասարդ կանանց մուտքը Ֆրանսիա դյուրացնելու գործը օրենսդրորեն կարգավորելու հարցը։ Շեշտում են՝ արդեն մեկ անգամ ծննդաբերած կանանց։ Այսինքն, ծննդաբերելու ընդունակ կամ (որ ավելի երաշխավորված է) երեխայի հետ։ Երկրորդ հարցը քննարկվում է զգուշորեն, որովհետեւ շոշափում է չբեր ֆրանսուհիների զգացմունքները։ Իսկ ցեղասպանության հարցում՝ ոչ մի նրբանկատություն։

… Ո՞վ կսպասեր, որ 130 տարի հետո Հայկական հարցը Եվրոպային պետք կգա երկրորդ անգամ։ Եվ ի՞նչ երաշխիք կա, որ պետք չի գալու եւս մի 110 տարի հետո։ Ռուսաստանի քաղաքականության մեջ չի կարող չարտացոլվել 25 միլիոն իսլամ դավանող բնակչության մտայնությունը։ Ռուսաստանը չի կարող չպաշտպանել ու չգուրգուրել Տաջիկստանի նման բուֆերը, ինչպես պահպանում է Մոնղոլիան Չինաստանի ոչ իսլամ բնակչության դեմ։ Ռուսաստանը դատապարտված էր Ադրբեջանին դաշնակից֊բուֆեր ունենալ (կամ ինտեգրման խողովակ) Կասպից ծովի հարավային ափին։ Եւ այս հարցում Արեւմուտքը նրա համախոհն է։ Եւ առաջին հերթին այդպես պիտի աներ, ոչ թե Հայաստանին կամ Վրաստանին պատնեշ դներ հեղեղի դեմը։ Արեց այնպես, ինչպես Արեւմուտքն է անում՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Ալժիրի միջոցով, ոչ թե քրիստոնյա Հունաստանի, ինչի պատրանքն ունեն հույներն ու հայերը։ Իհարկե, Ռուսաստանը կուզենա, համենայն դեպս, հայկական մի անկլավ ունենալ Ադրբեջանի կազմում, բայց կպնդի այն աստիճան, որքան Ադրբեջանը թույլ տա։

Իսկ ընդհանրապես, աշխարհքաղաքական վերադասավորումների պատմական այս փուլում հայկական անկլավի ու Հայաստանի դերակատարումը կարելի է համարել ավարտված։ Ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եւ ընթացքում հայ կամավորական շարժումն ու արեւմտահայությունը կատարեցին իրենց դերն ու վերացան։ Եւ այսպես կլինի միշտ, քանի դեռ մենք մեր երեւակայած աշխարհում Հայաստանը կարգված կհամարենք քրիստոնեական աշխարհի միջնաբերդ։ Իսկ իրականում՝ նա վաղուց ապահովության այլ համակարգի անցած տիրույթներում անելիք ունենալու պատրանքով ծերացող, հավատարիմ ու ժամանակավրեպ շան է նման, որին ժամանակ առ ժամանակ մի կտոր տրանշ են նետում եւ թողնում, որ իր մահով մեռնի։ Իսկ Բաքու Պուտինի այցից ուղիղ երկու օր հետո Մախաչկալա ռուսական նավատորմի ռազմակայան ժամանեց ռազմածովային ուժերի հրամանատար Կուրոեդովը, իբր, շքանշան հանձնելու «Կուրսկ» սուզանավի անձնակազմի հետ զոհված տեղացի ինժեների հարազատներին։ Ասել է թե՝ շքանշանի հանձնումը վաղ աշնանից հետաձգվում էր մինչեւ նախագահի այցը Ադրբեջան, երբ արդեն հնարավոր կլինի ռուսական Կասպիական նավատորմը քշել մինչեւ Պարսկաստանի եւ Թուրքմենիայի ափերը՝ նաեւ այդ կողմից (հեռվից) հսկելով Տաջիկստանի սահմանը։ Գուցեեւ չափավորելու համար չինական ազդեցությունը միջինասիական երիտասարդ պետությունների վրա։

Ինչը պիտի որ ձեռնտու լինի նաեւ Արեւմուտքին։ ։Ադրբեջանը՝ չլինելով շրջափակման մեջ, չլինելով Հայաստանի նման իրեն միակողմանի կախման մեջ դրած, պաշարներով լինելով Հայաստանից հարյուրապատիկ հարուստ, հնարավորություն ունենալով իր նավթը արտահանելու նաեւ Իրանով, դրանով հանդերձ միայն Կասպիական համաձայնագրով այնպիսի գին է վճարել Ռուսաստանին, որը վճարում են միայն հողի դիմաց։ Իսկ թե երկրորդ֊երրորդ նավթամուղը Վրաստանով կանցնի թե Հայաստանով, Ադրբեջանի համար մեկ է։ Իսկ Ռուսաստանը կուզի, որ Հայաստանով անցնի։ Ոչ թե հանուն Հայաստանի, այլ որ չանցնի Վրաստանով։ Եւ Վրաստանը կախված մնա Ռուսաստանի էներգոռեսուրսներից։ Որքան էլ տարօրինակ է, դրանից կարող է շահել նաեւ Վրաստանը՝ նավթամուղից հրաժարվելու դիմաց վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը։

Չէ՞ որ Աբխազիայի ու հարավային Օսեթիայի հարցը կախված է բացառապես Ռուսաստանից։ Կգնա՞ Վրաստանը դրան, կհամոզի՞ Ռուսաստանը Կասպյան միջազգային ծրագրերի շահագրգիռ երկրներին, դժվար է հիմա ասել, բայց որ Հայաստանով տարբերակը 500 կիլոմետր կարճում է խողովակի ուղին եւ համապատասխանաբար էժանացնում նավթի ինքնարժեքը, լուրջ պատճառաբանություն է։ Բայց շուտ են ուրախացել մեր պետական հեռուստատղերքը Վրացական նավթամուղի տապալման առիթով։ Դա միայն այն է նշանակում, որ նավթամուղը կանցնի Պարսկաստանով կամ Հայաստանով, իսկ Հայաստանով կանցնի միայն մի դեպքում, եթե Ադրբեջանի կամքով լինի, իսկ Ադրբեջանի կամքն ու պայմանը էլի Ղարաբաղն է։ Ասել է թե՝ վրացական տարբերակի տապալումը միայն արագացնում է Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականության վերականգնումը։

Ոնց որ թե ստացվում է հայ գյադաների՝ լամպը ռեկլամելու ուղիղ հակառակը։ Այնպես որ, միշտ չէ, որ պետք է կամենալ հարեւանի վատը։ Թուրքական բանակը, համենայն դեպս Իրաքի տարածքում, ուխտադրժորեն ջախջախում է քրդական ջոկատները։ Հայ գրողների միության անդամ Օջալանի կոչով Թուրքիայի տարածքից քաշված ապստամբների դեմ, այն էլ այլ երկրի տարածքում, ծավալվող բանակային գործողությունները խիստ տարօրինակ են, եթե հաշվի չառնենք մեկ էական հանգամանք․ այդ ջոկատների պարտիզանական գործողությունների հնարավոր վերականգնման շրջանը համընկնում է այն տարածքների հետ, որտեղով անցնում է Միջերկրականի թուրքական ծայր արեւելյան ափը (Ադանայի մոտ) Բաքվի հետ կապող ամենակարճ ուղին՝ լինի դա Պարսկաստանով, թե Մեղրիով։ Չմոռանանք ասել, որ թուրքական բանակի գործողությունները սկսեցին Մինսկի խմբի համանախագահների՝ Անկարայից Երեւան եւ Բաքու ժամանելուց անմիջապես հետո։

Երեւանում, ի դեպ, ակնարկեցին Թուրքիայի միջնորդ դերի մասին, որ վաղուց չէր եղել։ Դրանից երկու շաբաթ հետո կնքվեց Բաքվի հռչակագիրը։ Անմիջապես հետեւեց ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Երեւան ժամանելուց առաջ, թե ՆԱՏՕ֊ի վրա հույս դնել չարժե։ Ամենազվարճալին, սակայն, Թուրքիայի սփոփիչ ակնարկն էր այն մասին, թե իբր, պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Բայց Օսկանյանը դեռ չէր հասցրել իրենց «անկոտրում» պահվածքի արդյունքների մասին մանրամասնորեն զեկուցել ժողովրդին, թուրքերը «քաջերի» 24 ժամվա ուրախությունը շատ համարեցին եւ հասկացրին, որ հանաք են արել։ Նման չէր, թե ձեռ են առնում, բայց ստացվեց այդպես։ Հազիվ թե նախատեսված լիներ, որ զգացվի, թե թուրքերը առաջին հաղորդումը տվել են ուրիշի խնդրանքով, որպեսզի Պուտինի Բաքու գնալու օրը հայ կառավարիչները հնարավորություն ունենան «հաղթական» մի բան ասելու շփոթված հայ ժողովրդին։ Հնարավոր է, որ դա Ալիեւի խնդրանքն էր, եւ Թուրքիան որոշեց կատարել կեսբերան։

Հնարավոր է, որ ավելի ազդեցիկ խնդրանք էր, բայց քանի որ հայերը էլի չափը անցան Թուրքիային «ծնկի բերելու» հարցում, տեղնուտեղը սաստեցին եւ ստացվեց էլի ձեռ առնելու նման։

Մնում է ավելացնել, որ թվարկածս բոլոր անցքերը տեղի են ունեցել 25 օրվա մեջ։ Մի ժամանակահատված, որի մասին կարելի է ասել, որ Ամերիկան զբաղված էր ընտրություններով, բայց կարելի է ասել նաեւ, որ դա մի ժամանակահատված էր, որի համար ԱՄՆ֊ի թե´ նախկին, թե´ ներկա նախագահները չէին կարող պատասխանատվություն կրել։ Ասենք Կալիֆոռնիայի հայ ընտրողների առաջ։ Ընտրությունը ընտրություն, բայց հո չեն կարող տասը տարուց ավելի դայակություն անել թալիբների նման գործիչների ծնող քրիստոնյա ժողովրդին։ Ի դեպ, թալիբների մասին։ Հայկական Թալիբանը առանձին ուսումնասիրության նյութ է եւ, հավանաբար, կլինի հետեւյալ հոդվածաշարի թեման։

Իսկ այս թեման հնարավոր չէ ավարտել, չվերադառնալով Մեղրու հարցին։ Իսկ Մեղրու հարցը, դատելով վերջին մեկ ամսվա սրընթաց զարգացումներից, փակված չէ, եւ խոր կասկածներ կան, որ նավթամուղի առիթով Քոչարյանը, այնուամենայնիվ, ինչ֊որ դավաճանություն է որոշում ռմբակոծություններից խաթարված իր մտքում՝ Մեղրիի հանդեպ։ Որը նշանակում է․ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ «անկախությունից ցածր, ինքնավարությունից բարձր», Մեղրին՝ ոչ Հայաստանի կազմում, ոչ Ադրբեջանի, նավթի խողովակը՝ Մեղրիով Թուրքիա, իսկ Քոչարյանին՝ ունեցվածքի անձեռնմխելիություն եւ երաշխիք, որ իրեն Արեւմուտքը չի հանձնի Հայաստանի հաջորդ իշխանություններին, երբ նոր հանգամանքներ ի հայտ կգան հոկտեմբերի 27֊ի նորոգված դատական պրոցեսում։ Եւ, ըստ երեւույթին, նա կանգ չի առնելու այդ ճանապարհին, որովհետեւ իր ստեղծած փակուղուց ոչ մի ելք չունի, բացի այն միջոցը, ինչին դիմում է զորքն ու երկիրը կործանած հրամանատարը։ Բայց, քանի որ այդ մասին խոսելը անիմաստ է եւ տեղ չի թողել նաեւ մարդավայել հրաժարականի, նաեւ՝ Ազգային ժողով չկա, որ դրությունը փրկի իմպիչմենտով, ամեն ինչ կվերջանա ավելի վատ՝ հոկտեմբերի 27֊ի նման։