Ալեքսանդր

Գրապահարան-ից
Ալեքսանդր

հեղինակ՝ Պլուտարքոս
թարգմանիչ՝ Սիմոն Գրքաշարյան (հին հունարենից)
աղբյուր՝ «Կենսագրություններ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


1. Այս գրքում նկարագրելով Ալեքսանդր արքայի կյանքը և Պոմպեոսին հաղթած Կեսարի կյանքը, մենք, պատմվելիք իրադարձությունների մեծ քանակի սլատճառով, այդ կենսագրություններին ուրիշ նախաբան չենք կցում, բացի այն, որ խնդրում ենք ընթերցողներին մեզ չմեղադրել այն բանում, որ չենք թվարկում այդ մարդկանց բոլոր հռչակավոր սխրանքները, մանրամասն չենք քննարկում ամեն մեկն աուանձին, և մեր շարադրանքը մեծ մասամբ կլինի համառոտ։ Մենք պատմություն չենք գրում, այլ կենսագրություն, և միշտ չէ, որ առավել հռչակավոր գործերում է դրսևորվում առաքինությունը կամ արատավորությունը, այլ հաճախ ինչ-որ չնչին արարք, խոսք կամ կատակ լավագույնս դրսևորում են մարդու բնավորությունը, քան ճակատամարտերը, որտեղ կործանվում են տասնյակ հազարավորներ, քան հսկա բանակներ գլխավորելը և քաղաքներ պաշարելը։ Այնպես, ինչպես նկարիչները, մարմնի մյուս անդամներին քիչ ուշադրություն դարձնելով, նմանության են հասնում դեմքի և աչքերի արտահայտության ճշգրիտ պատկերման շնորհիվ, որոնցում դրսևորվում է մարդու բնավորությունը, այդպես և մեզ թող թույլ տրվի խորանալ մարդու ոգին արտացոլող հատկանիշների մեջ և դրա հիման վրա կազմել ամեն մի կենսագրություն, մեծ գործերն ու ճակատամարտերը գովերգելը այլոց թողնելով։

2. Ալեքսանդրի ծագումը ոչ մի վեճ չի հարուցում. հոր կողմից նա իր տոհմը, Կարանոսի[1] միջոցով, բխեցնում էր Հերակլեսից, իսկ մոր տոհմը՝ Նեոպտոլեմոսի միջոցով՝ Էակոսից[2]։ Պատմում են, որ Փիլիպպոսը[3] հաղորդակից էր դարձել Սամոթրակյան խորհուրդներին[4] Օլիմպիադայի[5] հետ միաժամանակ, երբ դեռևս պատանի էր, իսկ Օլիմպիադան՝ ծնողներին կորցրած աղջնակ։ Փիլիպպոսը սիրահարվեց նրան և ամուսնացավ նրա հետ, ստանալով նրա եղբոր՝ Արիբբասի[6] համաձայնությունը։ Այն գիշերվա նախօրյակին, երբ հարսին և փեսային փակեցին ամուսնական առագաստում, Օլիմպիադան երազ տեսավ, որ ամպրոպ պայթեց և կայծակը հարվածեց նրա արգանդին, և այդ հարվածից ուժեղ կրակ բռնկվեց. բոցի լեզուները տարածվեցին չորս կողմ և հետո հանգան։ Հարսանիքից հետո, ինչ-որ ժամանակ անց, Փիլիպպոսը երազ տեսավ, որ իբր ինքը կնքեց կնոջ արգանդը. կնիքի վրա, ինչպես իրեն թվաց, առյուծ էր պատկերված։ Բոլոր տեսանողներր այդ երազը մեկնաբանեցին այն իմաստով, որ Փիլիպպոսը պետք է խստորեն պահպանի իր ամուսնական իրավունքները, բայց Արիստանդրոս Տելմեսացին ասաց, որ Օլիմպիադան հղիացած է. քանզի դատարկ ոչինչ չեն կնքում, և որ նա պետք է տղա ծնի, որը կունենա քաջարի, առյուծային բնավորություն։ Մի անգամ տեսան նաև օձ, որը, ձգված, պառկած էր քնած Օլիմպիադայի մարմնի կողքին, ասում են, թե այս դեպքը, առավել քան մեկ այլ բան, սառեցրեց Փիլիպպոսի հակումն ու սերը իր կնոջ նկատմամբ և նա սկսեց ավելի քիչ գիշերներ անցկացնել նրա հետ. կամ այն է, վախենում էր, թե կինը կկախարդի իրեն կամ կթունավորի, կամ այն է, որ համարելով, թե նա կապված է բարձրագույն էակի հետ, խուսափում էր նրան մերձենալուց։ Այս նույնի մասին կա նաև մեկ այլ պատում։ Հին ժամանակներից ի վեր այդ երկրի կանայք մասնակցում են օրփեոսական խորհուրդներին և Դիոնիսոսի պատվին կազմակերպվող գինարբուքներին, այդ խորհուրդներին մասնակցող կանանց անվանում են կլոտոններ և միմալոններ[7], իսկ նրանց արարքներր մեծապես նման են էդոնուհիների ծեսերին, ինչապես նաև թրակուհիների, որ բնակվում են Հեմոսի ստորոտներին (այս վերջին հանգամանքով է, ըստ իս, բացատրվում «թրեսկևեին»[8] բառի ծագումը, որով բնորոշվում են ոչ չափավոր, ավելորդություններով ծանրաբեռնված ծեսերը)։ Օլիմպիադան մյուսներից առավել եռանդագին էր նվիրված այդ խորհուրդներին և մոլեգնում էր լիովին բարբարոսավարի․ հանդիսավոր երթերի ժամանակ նա տանում էր խոշոր ձեռնասուն օձեր, որոնք հաճախ սարսափ էին ազդում տղամարդկանց վրա, երբ պատատուկի տակից և ծիսական զամբյուղների միջից նրանք, սողալով, պարուրում էին թիրսոսները[9] և կանանց պսակները։

3. Իրեն հայտնված նշանակներից հետո Փիլիպպոսը Դելփի ուղարկեց մեդալուպոլսեցի Քերոնին, և վերջինս բերեց նրան Ապոլլոնի պատգամը, որը պարտավորեցնում էր զոհ մատուցել Ամմոնին[10] և այդ աստծուն պաշտել ավելի, քան բոլոր մյուսներին։ Ասում են նաև, թե Փիլիպպոսը կորցրեց իր այն աչքը[11], որով նա դռան բացվածքից թաքուն նայելիս, տեսել էր իր կնոջ հետ օձի կերպարանքով քնած աստծուն։ Ինչպես հաղորդում է Էրատոսթենեսը[12], Օլիմպիադան, Ալեքսանդրին արշավանքի ճանապարհելիս, մեկուսի նրան հայտնել է նրա ծննդյան գաղտնիքը և թախանձագին խնդրել նրան չգցել իր ծագման վեհությունը։ Ուրիշ պատմիչներ, ընդհակառակը, պատմում են, որ Օլիմպիադան հերքում էր այդ լուրերը և հաճախ բացականչում. «Այդ մինչև ե՞րբ Ալեքսանդրը պիտի շարունակի զրպարտել ինձ Հերայի առաջ»։

Ալեքսանդրրը ծնվել է վեցերորդ օրը հեկատոմբեոն[13] ամսի, որը մակեդոնացիներն անվանում են լովոս[14], այն նույն օրը, երբ հրկիզվել էր Արտեմիսի տաճարը Եփեսոսում[15]։ Այս առնչությամբ Հեդեսիաս Մագնեսիացին[16] մի սրախոսություն է արել, որից այնպիսի սառնություն է փչում, որ այն կարող էր սառեցնել տաճարը ոչնչացրած հրդեհի բոցը։ Նա ասել է. «Զարմանալի չէ, որ Արտեմիսի տաճարը այրվեց, չէ՞ որ դիցուհին այդ պահին զբաղված էր, օգնելով Ալեքսանդրին լույս աշխարհ դուրս գալու»[17]։ Եփեսոսում գտնվող մոգերը համարում էին, որ տաճարին պատահած այդ դժբախտությունը նոր աղետների նախանշան է. նրանք վազվզում էին քաղաքով մեկ, խփում էին երեսներին և գոռում, թե այդ օրը Ասիայի համար ծնեց վիշտ և մեծ աղետ։ Փիլիպպոսը, որը հենց նոր էր նվաճել Պոտիդեան[18], միաժամանակ ստացավ երեք լուր, նախ, որ Պարմենիոնը[19] մեծ ճակատամարտում հաղթել է իլլիրիացիներին[20]. ապա, որ իրեն պատկանող արշավաձին հաղթանակ է տարել Օլիմպիական մրցումներում, և, իվերջո, երրորդ, որ ծնվել է Ալեքսանդրը։ Միանգամայն հասկանալի է, որ Փիլիպպոսը խիստ ուրախացել էր, իսկ կանխագուշակողները բազմապատկեցին նրա ուրախությունը, հայտարարելով, որ նրա որդին, որի ծնունդը համընկել էր երեք հաղթանակների, անհաղթելի կլինի։

4. Ալեքսանդրի արտաքինը բոլորից լավ պատկերում են Լիսիպպոսի[21] արձանները, և ինքը Ալեքսանդրը համարում էր, որ միայն այս քանդակագործն է արժանի քանդակելու իր պատկերը։ Այս վարպետը կարողանում էր ճշգրիտ վերարտադրել այն, ինչը հետագայում նմանակում էին թագավորի հետնորդներից և ընկերներից շատերը՝ վզի թեթև, թեքումը դեպի ձախ և նվաղուն հայացքը։ Ապելլեսը[22] Ալեքսանդրին նկարելով շանթարձակի կերպարանքով, չի հաղորդել արքային հատուկ մաշկի գույնը, այլ այն պատկերել է ավելի մուգ, քան եղել էր իրականում։ Ինչպես հաղորդում են, Ալեքսանդրը եղել է սպիտակամաշկ, և նրա սպիտակությունը տեղ-տեղ դառնում էր կարմրավուն, հատկապես կրծքին և դեմքին։ Ալեքսանդրի մաշկը հաճելի բուրում էր, իսկ նրա բերանից և ամբողջ մարմնից բուրմունք էր դուրս գալիս, որը հաղորդվում էր նրա հագուստին, ես այդ կարդացել եմ Արիստոքսենեսի[23] հուշերում։ Դրա պատճառը, հնարավոր է, եղել է նրա մարմնի ջերմությունը, տաք և հրավառ, քանի որ, ինչպես կարծում է Թեոփրաստոսը[24], բուրմունքր առաջանում է խոնավության վրա ջերմության ներգործությամբ։ Ուստիև առավել շատ բուրմունք, այն էլ լավագույն, արտադրում են չորային և տաք երկրները, քանի որ արևը մարմինների մակերեսից կլանում է նեխում առաջացնող խոնավությունը։ Թվում է, որ մարմնի այդ ջերմությունն էլ Ալեքսանդրի մոտ առաջացրել է խմելու հակում և դյուրագրգռություն։

Դեռևս մանուկ տարիներին դրսևորվեց նրա ժուժկալությունը։ Մնացած ամեն ինչում լինելով բուռն և անսանձելի, նա անտարբեր Էր մարմնական հաճույքների նկատմամբ և դրանց տրվում էր խիստ չափավոր կերպով. իսկ Ալեքսանդրի փառատենչությունը իր լրջությամբ ու վեհությամբ չէր համապատասխանում իր տարիքին։ Նա սիրում էր ոչ ամեն տեսակ փառք և այն փնտրում էր ոչ ամենուր, ինչպես այդ անում էր Փիլիպպոսը սոփեստի նման պարծենալով իր պերճախոսությամբ և Օլիմպիական մրցումներում իր ձիակառքերի տարած հաղթանակը հավերժացնելով դրամների վրա։ Մի անգամ, երբ մերձավորները հարցրին Ալեքսանդրին, որն արագոտն էր, չի՞ ցանկանում արդյոք վազքով մրցել Օլիմպիական մրցումներում, նա պատասխանեց. «Այո, եթե մրցակիցներս կլինեն թագավորներ»։ Ընդհանրապես Ալեքսանդրը, երևի, չէր սիրում մարզիկներին, նա բազմիցս կազմակերպում էր ողբերգակ բանաստեղծների, սրնգահարների, կիթառահարների և հռապսոդների մրցություններ, ինչպես նաև որսորդական զանազան մրցումներ, մականախաղեր, բայց ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում կռփամարտի կամ պանկրատիոնի[25] հանդեպ և չէր պարգևատրում դրանց մասնակիցներին։



  1. Կարանոս ― ավանդության համաձայն՝ Հերակլեսի հետնորդ, Մակեդոնիայի արքայատոհմի հիմնադիր։
  2. Էակոս ― դյուցազն Աքիլլեսի պապը, Նեոպտլոմեոսի նախապապը։
  3. Փիլիպպոս Բ ― Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, թագավորել է Ք․ա․ 382-336 թթ․։
  4. Սամոթրակյան խորհուրդներ (միստերիաներ) ― հնում Թրակիայի ափամերձ Սամոթրակե կղզում պաշտում էին Կաբիրներ կոչվող ստորին կարգի աստվածությունների, որոնք տնօրինում էին պտղաբերությունը, ստորգետնյա կրակը և փոթորկից փրկում ծովագնացներին։ Կարիբների պաշտանմունքը հատկապես այստեղ ստացել էրր խորհուրդների (միստերիաների) բնույթ։
  5. Օլիմպիադա (Օլիմպիաս) ― Ալեքսանդր մակեդոնացու մայրը։
  6. Արիբբաս ― Էպիրոսի թագավոր․ եղել է Օլիմպիադայի ոչ թե եղբայրը, այլ քեռին ու խնամակալը․ մահացել է շուրջ Ք․ա․ 340 թվականին։
  7. Կլոդոններ, միմալոններ (մակեդոներեն) ― նույնն է թե՝ բաքոսուհիներ։
  8. Բառացի՝ պաշտանմունք կատարել, պաշտել։
  9. Թիրսոս ― Դիոնիսոսի և նրա ուղեկիցների գավազանը՝ փաթաթված բաղեղով, խաղողի տերևներով, իսկ գավազանի գլուխը՝ պսակված եղևնու կոնով։
  10. Ամմոն ― հին եգիպտական աստվածություն։ Անտիկ շրջանում այն հաճախ նույնացվել է Զևս֊Յուպիտերի հետ։
  11. Ք․ա․ I դարի պատմիչ Դիոդոր Սիկիլիացին (XVI, 34) հաղորդում է, որ Փիլիպպոսը իր աչքը կորցրել է առափնյա հունական Մեթոնե քաղաքի պաշարման ժամանակ, նետասլաքի հարվածից։
  12. Էրատոսթենես (Ք․ա․ 276-194) ― հին Հունաստանի առավել բազմակողմանի գիտնականներից՝ աշխարհագետ, մաթեմատիկոս, աստղաբան, բանասեր, փիլիսոփա, պատմիչ։ Դժբախտաբար, նրա ժառանգությունից մեզ գրեթե ոչինչ չի հասել։ Ստրաբոնը նրան հաճախ է հիշատակում և վկայակոչում։
  13. Հեկատոմբեոն ― ատտիկյան օրացույցի առաջին ամիսը․ համապատասխանում է հուլիսի 2֊րդ կես - օգոստոսի 1֊ին կես ժամանակահատվածին։ Ալեքսանդրը ծնվել է Ք․ա․ 356֊ին։
  14. Լովոս ― ամսվա այս անունը հիշատակված է նաև Արմավիրում հայտնաբերված հունարեն արձանագրություններից մեկում։
  15. Եփեսոսի տաճարը համարվել է անտիկ աշխատհի յոթ հրաշալիքներից մեկը․ այն հրկիզել է ոմն Հերոստրատոս։
  16. Հեգեսիաս Մագնեսիացի ― Ք․ա․ III դ․ հռետոր֊հեղինակ․ համարվում է «ասիական» կոչված գրական ոճի հիմնադիրներից։ Հեղինակել է մեզ չհասած մի պատմություն Ալեքսանդր Մակեդոնացու մասին։
  17. Հույները Արտեմիսին համարում էին ծննդաբերությունը հովանավորող աստվածուհի։
  18. Պոտիդեա ― հունական քաղաք Խալկիդիկե թերակղզու վրա։
  19. Պարմենիոն ― Փիլիպպոս Բ֊ի զորավարներից, որ նրա մահից հետո դարձել էր Ալեքսանդրի առավել հեղինակավոր խորհրդականը։
  20. Իլլիացիներ ― Մակեդոնիայից արևմուտք, Դանուբի և Էպիրիոսի միջև ընկած տարածքում ապրած հնագույն ցեղեր։
  21. Լիսիպպոս ― Ք․ա․ IV դարի հույն քանդակագործ․ դասական արվեստի ուշ շրջանի ականավոր ներկայացուցիչ․ եղել է Ալեքսանդր Մակեդոնացու պալատական արվեստագետը։
  22. Ապելլես ― Ք․ա․ IV դարի երկրորդ կեսի հույն գեղանկարիչ։
  23. Արիստոքսենես (Ք․ա․ IV դար) ― Արիստոտելի աշակերտը, հայտնի է եղել առավելապես երաժշտության տեսությանն ու պատմությանը վերաբերող աշխատություններով։
  24. Թեոփրաստոս ― Ք․ա․ IV-III դդ․ հույն փիլիսոփա֊պատմաբան։
  25. Պանկրատիոն (խառնամարտ) ― մենամարտի տարատեսակ, որի ընթացքում մենամարտողներն օգտվում են ըմբշամարտի և բռնցքամարտի տարրերից։