Ամառ առանց այգաբացի - Գլուխ 13

Գրապահարան-ից

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 12 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 14 ▶


Երեկոյան նարնջագույն երկնքի վրա հայտնվել էին սև ուրվագծեր՝ մինարեթներ, գմբեթներ, բլրի գագաթին թառած միջնաբերդ, որոնք ազդարարում էին Հալեպ քաղաքի մերձությունը։ Տափակ տանիքների վերևում ուրվագծվող իր հազարավոր ծառերով քաղաքը օազիսի էր նմանվում, որը կանաչին էր տալիս լերկ սարահարթի կենտրոնում։ Ճանապարհներից մեկի երկայնքով կիտված էին աղի բուրգեր, որը հանում էին աղաբեր հին գետերի հուներից, իսկ բազմաթիվ բանվորներն այդ աղը լցնում էին պարկերը և բարձում ուղտերի վրա։

Սուլիչների զիլ ձայներ։ Գնացքը ծուխ անելով կայարան էր մտնում, և նրա հայտնվելը ուղեկցվում էր մխոցների ու շարժաձողերի աղմուկով և գծերի վրա սահող անիվների ճռռոցով։ Գնացքն անշարժացավ, և մեքենավարը բաց թողեց գոլորշին, որի ձայնը նման էր հզոր հոգոցի։ Շոգեքարշին, ուր մի մարդ բահով ածուխ էր լցնում հնոցը, կցված էին յոթ փակ վագոններ և մեկ հարթակ, ուր ավազով լեցուն պարկերի հետևում թաքնված էին զինվորներ, իսկ այդ պարկերի արանքից երևում էր խոշոր տրամաչափի գնդացրի փողը։

— Զինվորական շարժակազմ է,— արձանագրեց Քամանչա Հակին, առանց մտածելու, որ դա ակնհայտ էր և չէր վրիպել որևէ մեկի ուշադրությունից։— Երևի ուղևորվում է Երուսաղեմ։

Վարդանը չէր պատասխանում, և նրա գործընկերը դիպավ նրա ուսին.

— Ուդի, եղբայրս, ի՞նչ է քեզ տանջում։

— Ոչինչ, ես մտածում էի։

— Ես նույնպես մտածում եմ, սակայն դրանից այդքան ողբալի տեսք չեմ ունենում։

Վարդանը մեղավոր տեսքով նայեց ընկերոջը, և Հակին գրկեց նրա ուսերը իր հզոր ձեռքով.

— Հաճախ քեզ չեմ հասկանում, Ուդի։ Դու շատ ես տարբերվում մնացածներից։ Ես քեզ չեմ հասկանում, սակայն շատ եմ սիրում։

— Քո բարեկամությունը ջերմացնում է իմ հոգին, Հակի։

Երկու ցածրահասակ ձիով լծված սայլը, որով ճանապարհորդում էր Փաշազադե Շահիր Միթադը իր երաժիշտների հետ, շարունակեց ճանապարհը։ Նրանք դանդաղ էին շարժվում հետաքրքրասերների ամբոխի պատճառով, որոնք եկել էին Բաղդադ կայարանը գնացքի ժամանմանը ներկա լինելու համար։ Կայարանն անդեմ շինություն էր, որի վերեում ատամնավոր պատերը ներկված էին մանուշակագույն և պիստակավուն ներկով։ Կառամատույցը լի էր մուրացկաններով և թափառաշրջիկ կատուներով, իսկ բեռնակիրները նրանց անխնա հրմշտում էին։ Բոլորը սպասում էին մարդատար գնացքին, որն ուշանում էր զինվորական շարժակազմի պատճառով։ Անբան հետաքրքրասերները, ընթացքը դանդաղեցնելով, փորձում էին կարդալ թերթի կրպակի արտաքին պատին փակցված թերթերի առաջին էջերին զետեղված մեկշաբաթյա վաղեմության նորությունները։ 1916 թ. դեկտեմբերի այդ թերթերը կանխատեսում էին կայսրության և նրա դաշնակիցների մոտալուտ հաղթանակը հաջորդ տարվա ընթացքում։

Հակին և նրա ընկերը ոտքով գնում էին սայլի հետևից։ Խմբի վերջին դադարը եղել էր մի չորս ժամ առաջ և նրանց հագուստը ծածկված էր ճանապարհի փոշով, սակայն Վարդանը ոչ հոգնություն էր զգում, ոչ էլ ծարավ։ Այն ոգևորությունը, որը տիրել էր նրան, երբ երկու օր առաջ նրանք ճամփա էին ընկել դեպի Հալեպ, քաղաքին մոտենալուն պես փոխակերպվել էր խելահեղ վախի։

Վերջապես Հալե՜պը։ Հալե՜պ, որտեղով անցել էին գրեթե բոլոր տեղահանվածները և ուր բազմաթիվ հայեր էին ապրում՝ խառնվելով արաբ բնակչությանը։ Հետևաբար հնարավոր էր, որ այն մարդը, որն իր հետ էր տարել Մարոյին և Թովմասին, նրանց Հալեպ բերած փներ։ Իր որոնումների հենց սկզբից Վարդանն ինքն իրեն ասում էր, որ նրանք կարող էին Հալեպում լինել։ Ի վերջո, նա ինքն իրեն համոզել էր, որ նրանք պետք է այնտեղ լինեին։ Այդ ձևով նա փոխհատուցում էր այն հիասթափությունների համար, որոնք կուտակվում էին ինը ամիս տևող հյուրախաղերի ընթացքում։ Չէ՞ որ նրանք այցելել էին այդքան քաղաքներ և գյուղեր, այդքան հարուստ տներ, ուր հրավիրել էին դերվիշներին, այդքան հասարակական հրապարակներ, ուր նրանք ելույթ էին ունեցել, և ոչ մի տեղ նա չէր հայտնաբերել իր ընտանիքի գեթ հետքը։ Հայերն ու միսիոներները, որոնց հանդիպել էր Վարդանը, չէին կարողացել որևէ տեղեկություն հայտնել նրանց մասին։ Նույնիսկ դիմադրության ցանցը չէր կարողացել Մարոյի ու Թովմասի գտնվելու վայրն իմանալ։

Երբ նրանք հասան Բաբ էլ Ֆարաջ զբոսայգուն, Վարդանը հարցրեց Հակիին.

— Դու գիտե՞ս, թե որտեղ ենք մենք օթևանելու։

— Նահիյե Խան իջևանատանը։ Մենք արդեն համարյա թե հասել ենք։

— Ես ձեզ կմիանամ այնտեղ երկու կամ երեք ժամ հետո։

Եվ նա լուծվեց ամբոխի մեջ առանց պատասխանելու Հակիին, որն առաջարկում էր իրեն ուղեկցել։ Վարդանը, արագ քայլելով, հասավ մի փոքր հրապարակի։ Մութն ընկնում էր, խանութպաններն իջեցնում էին խանութների երկաթյա փեղկերը, և սրճարանում, ուր դեռևս այցելուներ կային, լամպեր էին վառվում։ Որպես ռեստորան ծառայող բարաքի առջև՝ մայթին կանգնած՝ առանց սպասքի քյուֆթա, լյարդի ու երիկամի խորոված էին ուտում։

Օսմանյան իշխանություններին չէր հաջողվում թուրքացնել Հալեպը, որը Անատոլիայի քաղաքներից տարբերվում էր իր խանդավառությամբ և բազմազգությամբ։ Փողոցներում ավելի հաճախ կարելի էր արաբերեն լսել, քան թուրքերեն, սակայն խոսում էին նաև քրդերեն, ասորերեն, քաղդիերեն և դրուզների լեզվով։ Հայերը, հրեաները և հույները մեծ տոկոս էին կազմում։ Ազգերի այդ խառնուրդով և եվրոպացիների նշանակալից համայնքներով, ինչպես նաև Կոստանդնուպոլսի կառավարության դիրքերի թուլությամբ էր բացատրվում այն փաստը, որ հայերին չէին քշել այդ քաղաքից։

Մտքերով տարված Վարդանը շարժվում էր անհոգ ամբոխի միջով։ Ավտոմեքենայի սուլիչը սթափեցրեց նրան, և նա մնացած հետիոտների հետ միասին մի կողմ քաշվեց և ճանապարհ տվեց մի մեքենայի, ուր նստած էին գերմանացի սպաներ։ Զբոսայգում նա նկատեց լիմոնադ վաճառող մի ծերունու, որը սպիտակ չալմա էր կրում, իսկ մեջքին մի պղնձե աման ուներ և երգեցիկ ձայնով կանչում էր.

— Եկեք, խմեք և մաքրվեք։

Նրա կողքին տասը տարեկան երկու տղաներ էին կանգնած, որոնք անցորդներին էին հրամցնում վարդագույն հեղուկով լցված բաժակները։ Վարդանը մեկ շնչով խմեց իրեն մեկնած բաժակը և մանր դրամ մեկնեց ծերունուն։

— Շնորհակալություն,— ասաց նա։– Կարո՞ղ եք ինձ ասել, թե որ կողմում է հայկական թաղը։

Ծերունին կարծես թե չէր հասկանում և շրջվեց դեպի իր օգնականները։ Քանի տղաներից մեկր թարգմանում էր հարցը, մյուսը մոտեցավ Վարդանին և շատ արագ ասաց.

— Մեր տերը միայն արաբերեն է խոսում, սակայն եթե առատաձեռն գտնվեք, ես ձեզ կասեմ ստույգ տեղը։

Վարդանը նրան մանր դրամ տվեց և տղան՝ դժգոհ մնալով, անորոշ շարժում արեց.

— Հեռու չէ, մինչև երկու ծխախոտ ծխեք, այնտեղ կհասնեք։

Երկրորդ մետաղադրամը նրան ավելի պերճախոս դարձրեց.

— Այս փողոցի ծայրին է, կարմիր աղյուսից կառուցված մեծ շենքի հետևում։ Տեսնում եք ավանակ հեծած այն մարդուն։ Հետևեք նրան, նա ճիշտ ուղղությամբ է գնում։

Վարդանը արագացրեց իր քայլքը, որպեսզի տեսադաշտից չկորցներ գյուղացուն, որը ճիպոտով խթանում էր իր երիվարին։ Տներից կերակուրի հոտեր էին գալիս, և երեխաները, որոնք ամբողջ օրը վազվզում էին փողոցում, կարծես ազդանշան ստանալով, վերադառնում էին իրենց տները։ Հասնելով ամայի խաչմերուկին, գյուղացին կանգ առավ։ Վարդանը նրան հասավ և ողջունեց.

— Սալամ ալեյքում։ Դուք չգիտե՞ք, թե ուր է...

Արևից խարկված դեմքով մարդը, խեղճանալով, հպվեց Վարդանի թևին և ընդհատեց նրան.

— Ալեյքում սալամ։ Ես գյուղից եմ եկել, էֆենդի, մոլորվել եմ։

Վարդանը հասկացավ, որ ըմպելիք վաճառողի օգնականն իրեն խաբել էր։ Մութը թանձրանում էր, և շուրջը չկար մեկը, որից կարելի կլիներ ճանապարհը հարցնել։ Թողնելով գյուղացուն, որը չգիտեր, թե երեք ուղղություններից որ մեկն ընտրեր, Վարդանը շարունակեց ճանապարհը դեպի արևելք։ Վերջապես նա տեսավ կարմիր շենքը և ենթադրաբար շարժվեց դրա երկայնքով ձգվող ծառուղիով։ Նա հայտնվեց խարխուլ պահեստների ողորմելի մի թաղում, ուր այդ շինություններր միմյանցից բաժանվում էին ծուռումուռ փողոցներով։ Լիալուսինը լուսավորում էր նրա ճանապարհը։ Երկար ժամանակ նա քայլում էր առանց իմանալու, թե ուր էր գնում, և առանց կենդանի շունչ հանդիպելու։ Հետո նա մի անկյունում ծվարած մի էակ տեսավ։ Մուրացկան էր, որր ոտքի կանգնեց և կաղալով եկավ նրան ընդառաջ։ Նա Վարդանին մեկնեց աջ ձեռքը, իսկ ձախով քորում էր իր դեմքը ծածկող թարախակալած վերքը։

Գրպանում մանր դրամ փնտրելով, Վարդանը նրան հարցրեց, թե արդյոք դա հայկական թաղը չէ՞ր։ Մարդը, որի տարիքը հնարավոր չէր կռահել, չէր հասկանում և բավարարվում էր ձեռքը թափահարելով և ծամածռելով իր անատամ բերանը։ Հարցն ապարդյուն կրկնելուց հետո Վարդանը նրան ողորմություն տվեց և հեռացավ։ Այդ վայրի տխուր տեսքը նրան տրտմություն պատճառեց, և նա զգաց ճանապարհի հոգնությունը։ Նա չէր կարողանում ազատվել այն մտքից, որ ինքը չափից ավելի մեծ հույսեր էր կապել Հալեպի հետ։ Եվ բացի դրանից, ինքը պետք Է զսպեր իր անհամբերությունը և սպասեր վաղվա օրվան իր որոնումները սկսելու համար։

Նա հասավ այն վայրին, որը զբոսայգու տեղ էր դրել, սակայն դա մահմեդական գերեգմանոց էր՝ կիսակամարներով պսակված նեղ մահարձաններով։ Դրանից այն կողմ ընկած էր տեղ-տեղ գազի լապտերով լուսավորված մի թաղ, և Վարդանը շրջանցեց գերեզմանոցը այնտեղ գնալու համար։ Չսալարկված փողոցների երկայնքով կանգնած էին տախտակներից կառուցված մեկհարկանի ծուռումուռ տնակներ։ Տնակները լուսամուտներ չունեին, սակայն անդուռ լայն բացվածքները հնարավորություն էին տալիս տեսնելու դրանց լուսավորված ընդերքը։ Սատինե ներքնազգեստներով կանայք, որոնցից շատերի ստինքները մերկ էին, պպզել էին տների շեմերին կամ հենվել դրանց արտաքին պատերին։ Արաբերենով, գերմաներենով, անգլերենով և ֆրանսերենով գրված հայտարարություններն ազդարարում էին. վարձով՝ ժամով, օրով։ Տղամարդիկ երկու-երեք հոգով, անհոգ շրջում էին, դիտում առաջարկվող ապրանքը և երբեմն կանգ էին առնում գինն իմանալու համար։

Վարդանն անցնում էր կարծես չլսելով իրեն ուղղված հրավերները, սակայն նա քայլերը դանդաղեցրեց, երբ հայերենով բացականչություն լսեց.

— Սա վատը չէ, չնայած իր մորուքին։

— Միգուցե խոջա է,— պատասխանեց կանացի մի ձայն։

Հողե հատակով տանը երկու երիտասարդ աղջիկ ծիծաղելով ջեռոցն էին վառում թեյ տաքացնելու համար։ Նրանց հետևում քողածածկ մի պատկառելի կին աթոռին նստած ննջում էր։ Մարմնավաճառներից մեկը ժանյակով զարդարված եվրոպական տիպի շապիկ էր հագել, իսկ մյուսը՝ վարդագույն շալվար և ցուցադրում էր իր փոքրիկ և պինդ ստինքները։ Նրանք հազիվ տասնյոթ-տասնութ տարեկան լինեին։ Վարդանը նրանց մոտեցավ և դիմեց հայերենով.

— Բարի երեկո։ Կարո՞ղ եմ ձեզ հետ խոսել։

Այն աղջիկը, որի կուրծքը բաց էր, գլուխը կախեց, մյուսը կարմրեց, սակայն Վարդանին նայեց վճռական տեսքով և խոսեց կասկածամիտ տոնով.

— Դուք քահանա՞ եք։

— Ի՞նչ է ուզում,— հարցրեց կինն արթնանալով։

— Մենք սակարկում ենք,— պատասխանեց աղջիկը, հայերենին անցնելուց առաջ։— Ի՞նչ եք ուզում մեզնից։

Վարդանը դժվարանում էր պատասխանել և զգում էր, որ նրանց հետ խոսելու իր ցանկությունը ծիծաղելի էր։ Նրանք հանձին նրա դատավոր էին տեսնում, որը կարող էր խաթարել նրանց հոգու համեմատական անդորրը։ Նրանք վերապրում էին, ինչպես կարողանում էին։ Նա ափսոսաց, որ կանգ էր առել։ Հիմա նա պետք է որևէ բան ասեր։

— Անունդ ի՞նչ է։

— Գյուլիզար։

— Իսկական անո՞ւնդ։

— Դա ձեզ չի վերաբերում։

— Ի՞նչ է կատարվում,— հարցրեց նրանց տիրուհին՝ կորցնելով համբերությունը։– Այնպես խոսեք, որ ես հասկանամ։ Եթե փող չունի, թող գնա։

— Ձեզ այստեղ ուժով են պահո՞ւմ,— հարցրեց Վարդանը կարեկցանքով։

Գյուլիզարը ուսերը թոթվեց, իսկ մյուսը, որը բառ չէր ասել, Վարդանին նայեց երկչոտ հայացքով.

— Ապրել է պետք...

Նրա շպարված դեմքին հլություն կար։

— Չգիտե՞ս, Հալեպում Սվասից մարդիկ կա՞ն։

— Չգիտեմ։ Անունս Նեկտար է, ես Մուշից եմ։

Նրա ընկերուհին արմունկի հարվածով լռեցրեց նրան և կոպտորեն ասաց.

— Համբուրել ուզո՞ւմ եք։ Եթե ոչ, գնացեք, թե չէ մենք անախորժություններ կունենանք։

Գեր կինը դժվարությամբ ոտքի ելավ և մոտեցավ հողաթափերը քարշ տալով։

— Խնդրում ենք, մեզ հանգիստ թողեք,— ասաց Գյուլիզարը։

Վարդանը նրանց հաջողություն մաղթեց և արագ քայլերով հեռացավ։ Փողոցը միանում էր մեկ այլ փողոցի, որը սալարկված էր և ուր տները երկհարկանի էին։ Նրա ընկերները խանդավառ ձայներով նրան էին կանչում.

— Ուդի Յաշար։ Այ խորամանկ։

— Ուդի, եղբայրս, սպասիր մեզ։

Հակին Հաֆիզ Իսմայելի ու Թմբուկ Վասֆիի ընկերակցությամբ պատրաստվում էր մի հասարակաց տուն մտնել։ Նա բռնեց Վարդանի ուսից.

— Ահա թե ո՞ւր ես եկել։ Դու իրավացի ես։ Միայն կանացի մարմինը կարող է վանել տխրությունը։ Սակայն, աղաբեյ, քեզ կարծես չի հաջողվել...

— Ճանապարհի հոգնությունն է։

Հակին չպնդեց։ Իրենց ճանապարհորդության ընթացքում նա վարժվել էր Վարդանի բնավորությանը և հարգում էր նրա լռության ու զսպության պահանջը։

— Ո՞ր կողմն է գտնվում մեր իջևանատունը։

— Ես ձեզ հետո կմիանամ,— ասաց Հակին մյուս երկու երաժիշտներին։

Նա բռնեց Վարդանի ձեռքը նրան ուղեկցելու համար։ Մի քանի քայլ անելուց հետո նա հարցրեց.

— Կուզենայի՞ր, որ քեզ հետ ռեստորան գայի։ Վասֆին ու Իսմայելը առանց ինձ էլ յոլա կգնան։

— Ոչ, վերադարձիր քո գործին, Հակի։ Ես գնում եմ քնելու։

— Սենյակում միրգ, հաց, մածուն կա։ Մտածեցի, որ դու կուշանաս ու միգուցե սոված կլինես։

Այդչափ կոպիտ տեսք ունեցող այդ մարդու նրբանկատությունը հիացրեց Վարդանին։

✻    ✻



Իջևանատան հետևի բակում ընթացող փորձը տևեց մինչև ճաշ, և դա իսկական փորձություն էր Վարդանի համար, որը չէր կարողանում զսպել իր անհամբերությունը։ Հենց իր անուշադրության պատճառով էր, որ որոշ հատվածների կատարումը չէր բավարարում Փաշազադե Շահիր Միթադին։ Հալեպում նվագախումբը միայն երեք օր էր մնալու, իսկ հետո գնացքով պետք է Կոնիա մեկներ, քանի որ դերվիշն ուզում էր վանք վերադառնալ ուխտի հիմնադրի տարեդարձի ամենամյա տոնակատարությանը մասնակցելու համար։ Հյուրախաղերը կավարտվեին և եթե Հալեպում հրաշք տեղի չունենար, ապա Վարդանին այլ ելք չէր մնա, քան գնալ Ուրգուպ՝ Արուսյակի մոտ։ Իսկ եթե նա գտներ Մարոյին ու Թովմասին, ո՞ւր էին իրենք գնալու։ Վարդանը չգիտեր։ Ապաստանե՞լ հարավում ընկած որևէ քաղաքում, որը դարձյալ կգտնվեր օսմանցիների վերահսկողության տակ։ Ապաստան փնտրե՞լ արտասահմանում։ Բայց ինչպե՞ս։

Ազատվելուն պես Վարդանը շտապեց դեպի ամերիկյան բողոքական միսիան, որի հասցեն նրան էր տվել իջևանատան տերը։ Պահակը՝ քսան տարեկան պինդ մի տղա, շատ սև և կլոր աչքերով, երկար զննեց մորուքավոր թուրքին, որը կանգնած էր իր առջև։ Շարունակելով չվստահել՝ նա ասաց, որ Մեթյուզ քահանան բացակայելու էր երկար ժամանակ։

— Հարցն այն է...

Վարդանը խուսափում էր որևէ բան վստահել այս մարդուն, որը, չնայած իր սիրիական բարբառին, կարող էր կառավարության լրտեսը լինել։

— Ես կուզենայի տեսնել այն մարդուն, որը փոխարինում է նրան նման դեպքերում։

— Տիկին Մեթյուզի՞ն։

— Այո։ Պարզապես ասեք նրան, որ ես քահանայի բարեկամն եմ։

Պահակը մի քանի րոպեից վերադարձավ և գոտուց կախված մեծ բանալիով բացեց դարպասը։ Տունը փողոցից զատվում էր նեղ պարտեզով, ուր դափնեվարդեր էին աճում։ Ոսկեգույն երանգով գորշ քարից կառուցված շենքի ճակատային մասում բարձր լուսամուտներ կային, իսկ մոնումենտալ սանդուղքը տանում էր դեպի մուտքի դուռը։ Այս շենքը կառավարությունը տրամադրել էր օտարերկրացիներին, և դա նշանակում էր, որ չնայած պատերազմին եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների ու Բարձր դռան միջև կնքված պայմանագրերով այդ երկրներին տրամադրված արտոնությունները չեղյալ չէին համարվել։

Տիկին Մեթյուզը Վարդանին ընդունեց նախասրահ դուրս եկող և կանաչ պաստառներով պատված հյուրասենյակում։ Վարդանը հանեց ֆեսը նրան ողջունելու համար։ Դա մոտ հիսուն տարեկան նրբագեղ կին էր, որի կնճիռներից զերծ դեմքը կրում էր աչքի ընկնող գեղեցկության հետքերը։ Նրա ճերմակ մազերը տեղ-տեղ կապտին էին տալիս։ Նրա փակ վզով սպիտակ զգեստին ոսկե խաչ էր ամրացված։ Առանց հրաժարվելու իր խստաբարո կեցվածքից, նա քաղաքավարի, սակայն սառը տոնով հարցրեց թուրքերենով.

— Ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել, էֆենդի։

Քանի որ պահակը կանգնած էր դռան մեջ՝ հետևելով այցելուին, Վարդանն ասաց անգլերենով.

— Շնորհակալ եմ, որ դուք ինձ ընդունեցիք, տիկին։ Չէի՞նք կարող առանձին զրուցել։

Կինը չթաքցրեց իր զարմանքը և դուրս հրավիրեց տղային։

— Ո՞վ եք դուք։

— Վարդան Պալյանը, տիկին։ Չեմ կարծում...

— Այո՜։ Ես ձեր մասին լսել եմ,— ուրախացած բացականչեց նա և ոտքի կանգնեց։— Եվ ես նույնիսկ կարդացել եմ ձեր հոդվածներից մի քանիսը, որոնք պարոն Մեթյուզը՝ ամուսինս, հանձնել է հյուպատոսին։

Վարդանի մտնելուն պես նրա դեմքին հայտնված լարված արտահայտությանը փոխարինեց ժպիտը։ Նա սեղմեց Վարդանի ձեռքը, նրան առաջարկեց նստել խունացած երեսով բազկաթոռին և հրամայեց թեյ մատուցել։

— Արդեն քանի ամիս է իմ ամուսինը սպասում է ձեզ։ Ինչ ցավալի է, որ նա այստեղ չէ։

— Այո, ափսոս, քանի որ երեք օրից ես մեկնելու եմ։

— Դուք ձեռնունայն չեք գնա, պարոն Պալյան։

Վարդանը վեր թռավ պայծառացած դեմքով և բացականչեց.

— Դուք տեղեկություն ունե՞ք իմ կնոջ և որդու մասին։

Տիկին Մեթյուզը շփոթվեց և տխուր ձայնով ասաց.

— Դժբախտաբար խոսքը դրա մասին չէ։

Վարդանը փլվեց բազկաթոռի մեջ հենց այն պահին, երբ դուռն էին ծեծում։ Աղախինը սկուտեղը դրեց սեղանին և իսկույն հեռացավ տիկին Մեթյուզի խնդրանքով։

— Ցավում եմ, որ ձեզ հիասթափեցրի,— ասաց նա Վարդանին տալով բաժակը։— Իսկապես ցավում եմ։ Շաքար կուզե՞ք։

— Ոչ, շնորհակալություն։

Վարդանը դժվարությամբ էր թաքցնում իր հիասթափությանը։ Նա գլուխը թափահարեց, ինչպես կաներ հարված ստացած մարդը սթափվելու համար։

— Դուք մեղք չունեք,— շշնջաց նա ընկճված տեսքով։— Դա իմ...

Նա նախադասությունը չավարտեց։ Կինը նստեց և մի քանի րոպե լուռ մնաց, ափսոսալով, որ իր ամուսնու պես ինքը չէր կարողանում անմիջապես մխիթարության խոսքեր գտնել։ Նա պատկերացնում էր, թե ինչ ողբերգություն կապրեր, եթե ինքն այդ ձևով բաժանված լիներ Ալան Մեթյուզից և չիմանար, թե ինչ էր եղել նրա հետ։ Երբ նրան թվաց, որ Վարդանն ուշքի էր եկել, ասաց.

— Եթե ամուսինս ոչինչ չի կարողացել իմանալ ձեր ընտանիքի մասին, ապա դա նրա մեղքը չէ, քանի որ նա անդադար քայլեր է ձեռնարկել տարբեր այլադավան միսիոներների շրջանում և հարցուփորձ է արել բոլոր հանդիպած տեղահանվածներին։

— Չեմ կասկածում, տիկին, և շնորհակալ եմ նրանից։

Նրա ձայնը հանգիստ էր և թվում էր, որ նա կառավարում էր իր զգացմունքները, սակայն այդ հանդարտ արտաքինը թաքցնում էր զգացմունքների իսկական փոթորիկ։ Նրա հոգու կրակը քիչ էր մնում մարեր։ Այն զսպանակը, որն ամիսներ շարունակ նրան ստիպում էր գործել, պարպվելու վրա էր։ Սակայն Վարդանը իրավունք չուներ հուսահատվելու։ Կինը զգաց, որ նրա հոգում խուլ պայքար էր գնում։

— Մի հուսահատվեք, պարոն Պալյան։ Աստված հովանավորում է մեզ։ Շարունակեք փնտրել ձեր հարազատներին, քահանան էլ իր հերթին նույն բանը կանի։

— Ես երբեք չեմ դադարի նրանց փնտրել։

— Դրանք քրիստոնյային վայել խոսքեր են,— ուրախացավ տիկին Մեթյուզը, որը վախենում էր, որ ինքը կարող էր հուսահատության տեսարանի ականատես լինել։— Ձեր կինը և ձեր որդին... Քանի՞ տարեկան է նա։

— Վեց տարեկան։ Ո՛չ։ Յոթ ու կես։

— Գիտակից տարիք... Ես ուզում եմ ասել, որ միգուցե ձերոնք գտնվում են իրենց քարավանից դուրս բերած այն գթասիրտ մարդու հովանավորության տակ, կամ էլ ապաստան են գտել Բեյրութում, Բաղդադում կամ Իրանում։

Տիկին Մեթյուզը մի պահ լռեց, մի կում թեյ խմեց և բաժակը դրեց ափսեի մեջ.

— Այն, ինչ ես ձեզ պետք է հայտնեի և որը պատճառ դարձավ այդ տխուր շփոթմունքին, վերաբերում է ձեր եղբորը։ Տեղահանություններից առաջ նա իր ընտանիքի հետ Երուսաղեմ էր եկել։

— Փառք Աստծու։ Վերջապես լավ լուր։

Վարդանը լուռ ըմբոշխնեց իր ուրախությունը և ինքն իր համար արձանագրեց.

— Նուբարը միշտ շրջահայաց է եղել, նա այդ գիծը ժառանգել է մեր հորից։

Գուշակելով, որ այդ նախադասությամբ իր հյուրը ինքն իրեն մեղադրում էր շրջահայաց չլինելու մեջ, տիկին Մեթյուզն ամփոփեց.

— Յուրաքանչյուրը գործում է իր հնարավորություններին համապատասխան։

— Դժվար չէ՞ր լինի իմ եղբորր նամակ ուղարկել։

— Ամենևին։ Սակայն ես չգիտեմ, թե դրա համար որքան ժամանակ պետք կլինի։

Տիկին Մեթյուզն իրեն նորից թեյ լցրեց և նկատեց, որ Վարդանն իր թեյին ձեռք չէր տվել։ Նա ժպտաց, իմանալով, որ կարող էր դարձյալ նրան հաճույք պատճառել։

— Մի նորություն էլ ունեմ, պարոն Պալյան։ Իմ ամուսինը անցած ամիս Կապադովկիա էր գնացել։ Ձեր բարեկամները լավ են և հույս ունեն ձեզ տեսնելու։ Նրանք Կոստանդնուպոլսից ձեր քեռորդուց նամակ են ստացել։

— Դա միայն Տիրանը կարող է լինել։ Ես նրան գրել էի։ Ի՞նչ էր գրված նամակում։

— Ընդհանուր առմամբ, որ մայրաքաղաքում ապրող ձեր ազգականները լավ են։ Ոչինչ չկա ձեր կնոջ վերաբերյալ։ Նամակը ձեզ է սպասում Ուրգուպում։

Կինը վարանեց, ինքն իրեն հարցնելով, թե արդյոք իր հետաքրքրասիրությունը անպատեհ չէր, սակայն հարցրեց.

— Դուք մտադիր եք այնտե՞ղ վերադառնալ։

— Ես կգերադասեի Հալեպում մնալ, գուցե Երուսադեմ գնալ, սակայն ես ընտրություն չունեմ։ Ես դեռ հետախուզման մեջ եմ։ Առանց դերվիշների նվագախմբի երաժշտի կարգավիճակի ես փաստաթղթեր չեմ ունենա տեղաշարժվելու համար, և ինձ կարող են բանտարկել։ Հետևաբար պետք է վերադառնամ Ուրգուպ։ Ամեն դեպքում ես համաձայնվել եմ հյուրախաղերի գալ Փաշազադե Շահիր Միթադի նվագախմբի հետ հաջորդ գարնանը։

— Դա շատ լավ է։ Այն տեղեկությունները, որ դուք հաղորդում եք, մեզ հնարավորություն են տալիս հայտնաբերել հայ երեխաների և նրանց տեղավորել որբանոցներում, դպրոցներում և հիվանդանոցներում։ Այսպիսով մենք խոչընդոտում ենք նրանց մահմեդականացմանը։

—— Դա շատ կարևոր է։ Նրանք պետք է պահպանեն իրենց լեզուն և դավանանքը, պետք է հայ մնան։ Մենք այդ երեխաների կարիքը կզգանք պատերազմից հետո ստեղծվելիք անկախ Հայաստանը բնակեցնելու համար։

Տիկին Մեթյուզը չէր ուզում ներգրավվել նման քննարկումների մեջ։

— Ամուսինս ի վիճակի կլիներ ձեզ հետ քաղաքականությունից խոսել, իսկ ես ոչինչ չեմ հասկանում այդ ասպարեզում։ Ինձ համար կարևորը այն է, որ օսմանյան իշխանությունները չխոչընդոտեն, որ Ամերիկյան օգնության կոմիտեի, Կարմիր խաչի և Լոնդոնի քաղաքապետ-լորդի կողմից առաքվող դրամն ու սննդամթերքը հասնեն հայերին։

Հրաժեշտից առաջ Վարդանը երկար նամակ գրեց եղբորը՝ Նուբարին, ուր նա պատմում էր այն ամենի մասին, ինչ իրեն պատահել էր այդ մեկ և կես տարվա ընթացքում և խնդրում, հնարավորության դեպքում, փնտրել Մարոյին և Թովմասին Բաղդադում, Դամասկոսում և Բեյրութում։ Քահանա Մեթյուզի կնոջը շնորհակալություն հայտնելուց հետո Վարդանը պատրաստվում էր հեռանալ, երբ վերջինս նրան խորհուրդ տվեց.

— Լավ կլիներ, եթե դուք հանդիպեիք Տեր Գևորգի հոտ։ Այդ քահանան շատ բան է անում իր հայրենակիցներին օգնելու համար։ Կարծում եմ, որ ձեր այցելությունը նրան հաճույք կպատճառի։ Նրա եկեղեցին գտնվում է Բարաք էլ Արման կոչվող թաղամասի եզրին։ Դա քաղաքի հյուսիս-արևելքում է։

Նա մտածում էր, որ քահանան կկարողանար մխիթարել Վարդան Պալյանին, որի հանգիստ վարքագիծը չէր խաբել իրեն, և նա զգում էր, որ նա հուսահատված էր։

— Տեր Գևո՞րգ։ Ես նրան կայցելեմ։

Վարդանի անտեղյակությունը կեղծ էր։ Տեր Գևորգը կապավոր էր հայկական ցանցում, և Վարդանը նրան պետք է մի քանի նամակ հանձներ։

Նա շտապեց միանալ նվագախմբին, որը պետք է ելույթ ունենար ոստիկանապետի տված ընդունելության ժամանակ։ Երբեք երաժշտությունը այդքան չէր օգնել Վարդանին։ Միայն երաժշտության միջոցով կարելի էր արտահայտել անարտահայտելին, և նա անձնատուր եղավ դրան, պարպեց իր սիրտը ուդի լարերի միջոցով։ Գործընկերները, որոնք քաջ ծանոթ էին նրա վարպետությանը, այդուհանդերձ զարմացան այդ երեկո նրա կատարման զգացմունքայնությամբ։ Նույնիսկ հյուրերը զգացին, որ ուդահարը ներշնչված էր, և լռեցին նրա կատարումն ըմբոշխնելու համար։ Երեկոյի վերջում տան տերը շնորհավորեց Վարդանին և նրա ձեռքը արծաթե դրամ դրեց։

Իջևանատուն գնացող երաժիշտներին միանալու փոխարեն, Վարդանը խառնվեց հյուրերին, որոնք գնում էին դեպի քաղաքի կենտրոնը։ Հաջորդ խաչմերուկում նա զատվեց նրանցից։ Նրանց ձայներն ու ծիծաղը շատ շուտ հեռացան։ Վարդանը հայտնվեց ծառերով երիզված մի փողոցում, որի սալահատակը փայլում էր լուսնի լույսի ներքո։ Նա դանդաղ էր քայլում, ջանալով չխախտել այն լռությունը, որր տիրում էր քնած քաղաքում։ Իր հոգում Վարդանն անսահման դատարկություն էր զգում։ Ոչ մի միտք, ոչ մի զգացմունք, տարօրինակ մի խաղաղություն, որը նա ուզում էր վայելել հնարավորինս երկար։ Նա կանգ առավ «Բարոն» հյուրանոցի՝ շրջանի ամենաշքեղ հաստատության շենքի առջև, որը կառուցվել էր 1911 թ.։ Հենվելով չինարի ծառի բնին, նա երկար կանգնած մնաց, սպասելով, որ ժամանակն անցներ, և չտեսնող հայացքով նայեց լուսնին, որը թաքնվել էր տանիքների հետևում։ Երբ նա բռնեց վերադարձի ճանապարհը, արդեն լուսանում էր։

Իջևանատան այգում Վարդանը կանգ առավ ծխախոտ փաթաթելու համար։ Ջրհորի կողմից նա թույլ ձայներ լսեց և այդ կողմ գնաց։ Գետնին պառկած մի կին կառչել էր իր վրա կռացած տղամարդու ուսերից։ Կինը նկատեց օտարի ներկայությունը, թույլ ճիչ արձակեց, հրեց իր սիրեկանին և փախավ հագուստը կարգի բերելով։

Տղամարդը գետնին նստեց։ Հակին էր։

— Դու նրան վախեցրիր, Ուդի, իմ աղաբեյ,— ասաց նա զվարճացած ձայնով։— Իջևանատան տիրոջ աղջիկն էր։

— Ափսոսում եմ։

— Ես նրան արդեն երկու անգամ համբուրել էի։

Նա ոտքի կանգնեց և շապիկն ուղղեց։ Մի բան հետաքրքրեց Վարդանին, և նա հարցրեց.

— Ինչպե՞ս ճանաչեցիր ինձ մթության մեջ։

— Ես քո դեմքը տեսա։ Ի՞նչ զարմանալու բան կա։

Հակին իսկույն հասկացավ իր սխալը։ Նա Վարդանին ասել էր, որ իրեն բանակ չէին տարել կարճատեսության պատճառով և որ ինքը տառապում էր հավկուրությամբ։

— Ինձ թվում է, որ դու բվեճի պես լավ ես տեսնում։

— Լա՜վ... լա՜վ...— ասաց Հակին, որն ապարդյուն համոզիչ փաստարկ էր փնտրում։— Խնդրում եմ քեզ, աղաբեյ, որ դա մեր մեջ մնա։

— Բնականաբար։

Հանգստանալով՝ Հակին բռնեց Վարդանի ուսը և նրան տարավ դեպի իջևանատուն։ Մտնելով իրենց սենյակը՝ նա վերցրեց իր քամանչան։ Վարդանը ձևի համար բողոքեց.

— Դու բոլորին կարթնացնես քո քամանչայով։

— Ես ցածր կնվազեմ։ Ուշադիր լսիր, այս մեղեդին ես հորինել եմ քեզ համար։

Գործիքն ազդրին դնելով, նա աղեղը մեղմորեն անցկացրեց լարերի վրայով։

— Ես ուզում եմ մի երգ գրել մեր բարեկամության պատվին։ Մեղեդին շատ հեշտ հորինեցի, սակայն արդեն քանի օր է տանջվում եմ խոսքերը գրելու վրա։ Դու պետք է ինձ օգնես։

— Ի՞նչ ես ուզում ասել քո երգով։

— Ուզում եմ արտահայտել քեզ ճանաչելու բերկրանքը, քեզ հետ զրուցելու հաճույքը։ Կուզենայի ասել նաև, որ դու տարբերվում ես մյուսներից, մի քիչ խորհրդավոր ես։ Եվ որ ես քեզ շատ եմ սիրում։

Հակիի նվազելու ընթացքում Վարդանը ժպտում էր։

— Շատ լավ մեղեդի է, Հակի, բարեկամս։ Ես քեզ կօգնեմ այդ մեղեդու համար խոսքեր հորինել։ Իսկ հիմա քնենք։

Հակին, պառկելուն պես, սկսեց խռմփացնել։ Այդ խոսակցությունը խաթարեց Վարդանի ներքին անդորրը, և նա չկարողացավ քնել։

Զուր էր ինքն իրեն համոզում, ասում, որ հոգու խորքում ինքը երբեք համոզված չէր եղել, որ հարազատներին Հալեպում կգտներ, միևնույն է, նա չէր կարողանում ազատվել ձախողման սարսափելի զգացումից, որի պատճառով նա անօգուտ էր համարում վերջին ամիսների իր գործադրած ջանքերն ու ձեռնարկումները։ Նա հիշում էր բոլոր սրտապնդող խոսքերը, չհուսահատվելու բոլոր կոչերը, որ ինքը լսել էր, և նորից վերլուծելով այդ զրույցները՝ նա զգում էր կասկածի այն երանգը, որ հայտնվում էր իր զրուցակիցների ձայներում, այն վերապահումները, որ նրանք չէին համարձակվել բարձրաձայնել և որոնք նա այդ պահին չէր ցանկանա լսել։ Միայն Արուսյակն էր քաջություն ունեցել իրեն ասելու, որ ինքն անհնարին գործ էր ձեռնարկում։ Սակայն նա էլ իր պատճառներն ուներ այդպես ասելու։

Վերադառնա՞լ նրա տունը։ Վերադառնա՞լ նրա մոտ։ Դա կնշանակեր հրաժարվել մոտակա ապագայում Մարոյի ու Թովմասի հետ միանալու հնարավորությունից։ Գնա՞լ Երուսաղեմ եղբոր մոտ։ Գայթակղությունը շատ մեծ էր, սակայն դա կնշանակեր, որ ինքը պետք է հրաժարվեր Անատոլիւսյի տարածքով ճանապարհորդելու հնարավորությունից, որն իրեն տալիս էր դերվիշի նվագախմբի անդամ լինելը։ Իսկ դա նշանակում էր վերջնականապես հրաժարվել Մարոյին ու Թովմասին գտնելու հույսից։

Արուսյակի փոքր տունը... Գարնանից ի վեր քանի՜, քանի՜ անգամներ էր նա մտածել այդ տան մասին որպես հանգրվանի։ Այդ հիշողությանն էր ինքը դիմել, երբ հուսահատվում էր՝ տեսնելով ճամփեզրերին կիտված ոսկորները, որոնք կառավարությունը փորձում էր վերացնել, երբ տեսնում էր դատարկված հայկական թաղերը, այրված կամ աղքատ մահմեդականների կողմից գրավված գյուղերը, որոնց եկեղեցիները գոմի էին վերածված, որոնց պտղատու ծառերը հատված էին օջախները վառելու համար, իսկ դաշտերը, որոնք հայերի անհամար սերունդներ սիրով մշակել էին, վերածվել էին խոպանի։ Նա հոգնել էր լսել այն սարսափելի պատմությունները, որոնք կրկնվում էին և որոնք իրեն էին պատմում, որպեսզի նա դրանց հաղորդակից դարձներ աշխարհին իր հոդվածների միջոցով։ Այդ պատմությունները դարձել էին իր էության մասը, ծանրաբեռնում էին նրա հիշողությունը, և նրան երբեմն թվում էր, որ ինքն անձամբ քսան-երեսուն անգամ ապրել էր տեղահանության սարսափները, և նա գիտեր, որ քանի դեռ ինքը ողջ էր, չէր կարողանալու ազատվել այդ հիշողություններից։

Նա հոգնել էր ավերակներից, մահացածներից, կորուստներից։ Նա կուզեր վերջակետ դնել, ինչպես դնում էր հոդվածի վերջում, և էջը դարձնել։ Քանի ժամանակն անցնում էր, նա համակվում էր վերակառուցելու ցանկությամբ։ Նա ուզում էր քանդել ավերակները, վերսկսել։ Այդ ցանկությունն անիրականանալի կմնար, քանի նա չէր վերամիավորվել իր ընտանիքի անդամների հետ, կամ էլ չէր համոզվել, որ նրանց կորցրել էր առհավետ։

✻    ✻



Լուսադեմին Վարդանը տեղից վեր կացավ մռայլ տրմադրությամբ և մտածեց Տեր Գևորգի հետ անխուսափելի հանդիպման մասին։ Քահանան նույնպես պետք է իրեն համոզեր, որ ինքը հույսը դներ Աստծու ողորմածության վրա, հետո իրեն մանրամասնորեն նկարագրելու էր բոլոր սարսափները, որոնց ինքն ականատես էր եղել։ Ինչպե՞ս դիմադրել «Ես հոգնել եմ ինքնախաբեությունից։ Ես բավականաչափ բան գիտեմ աղետի մասին» խոսքերը ասելու գայթակղությանը։ Եթե ինքն ասեր, որ հոգնել էր և որ երազում էր հանգիստ երջանկության մասին, ապա դա որպես սրբապղծություն կհնչեր քահանայի ականջին։

Վարդանը, ցանկանալով հնարավորինս շուտ ազատվել այդ պարտականությունից, չափից ավելի շուտ եկավ այն փոքրիկ եկեղեցին, որը գտնվում էր շուկայից և հին քարվանսարաներից ոչ հեռու, քաղաքի արևելյան արվարձանում։ Այդտեղ նոր թաղամաս էր կառուցվում, որի անհրապույր տեսքն ընդգծվում էր առավոտյան անհավասար լուսավորությամբ։ Հին տախտակներից և պաստառներից կառուցված խրճիթների միջև գալարվում էին հողե արահետներր, ուր քամին փոշի էր բարձրացնում։ Տեղ-տեղ քարաշեն և կավաշեն տները փոխարինում էին ժամանակավոր կացարաններին։ Աղքատության մարմնացում։

Այդուհանդերձ, որոշ մանրամասներ փոխեցին Վարդանի սկզբնական տպավորությունը։ Ազատ տարածությունները զբաղեցնում էին փոքրիկ բանջարանոցները, հավերը քուջուջ էին անում դռների դիմաց, մի շուն հաչում էր, որոշ տների տանիքների վրա ծուխ էր բարձրանում։ Բարաք էլ Արման։ Քահանայի մոտ գնալու փոխարեն, Վարդանը հաճույքով կզբոսներ այդ թաղամասում, ուր բնակվում էին իր հայրենակիցները, առանց նրանց մոտենալու, միայն կնայեր, թե ինչպես էին նրանք ապրում։ Եվ միգուցե ինքն իր օգնությունը կառաջարկեր այն մարդուն, որը շարում էր իր ապագա տան պատը։

Նա վճռեց մի քիչ էլ սպասել Տեր Գևորգի տան դուռը ծեծելուց առաջ և նստեց աղբյուրի եզրին։ Զարմանալի էր, որ եկեղեցու խախտված համամասնությունները վկայում էին, որ այն հայկական չէր։ Այս եկեղեցու զանգակատունը մի քսան մետրով ավելի բարձր էր, քան ամբողջ շինությունը։ Ուսումնասիրելով շինության ոճը, Վարդանը եզրակացրեց, որ դա նախկինում ասորական եկեղեցի էր եղել։

Մի տնից, որի դռան տեղը վարագույր էր կախված, դուրս եկան երկու կին դույլերով և քարացան, տեսնելով աղբյուրի մոտ նստած օտարականին։ Քաջություն հավաքելով՝ նրանք դանդաղ մոտեցան։ Արաբական սովորույթի համապատասխան, ոտքից գլուխ սև կերպասի մեջ փաթաթված կանայք մի քանի խոսք փախանակեցին հայերենով։ Մեկը պատկառելի տարիք ուներ, և արևը վառել էր նրա կնճռոտ դեմքը, իսկ մյուսը՝ առաջինի դուստրը կամ հարսը, մոտ քառասուն տարեկան էր։ Վարդանը ոտքի կանգնեց և մի քանի քայլ հեռացավ աղբյուրից, որպեսզի նրանք հանգիստ մոտենային։ Երբ կանայք մոտեցան աղբյուրին, Վարդանը հայերեն ուլջունեց նրանց և առաջարկեց լցնել դույլերը։ Մի պահ վարանելուց հետո նրանք համաձայնեցին։

— Սա Տեր Գևորգի եկեղեցի՞ն է,— հարցրեց Վարդանը՝ դույլը պահելով մետաղյա ծորակի տակ։

— Այո,— պատասխանեց ավագը սուր ձայնով։

Կարճատև լռությունից հետո նա ասաց մեղավոր ձայնով.

— Մենք ձեզ թուրքի տեղ դրեցինք։

— Իսկ ես ձեզ՝ արաբ կանանց։

Ավելի երիտասարդը, որի դեմքը նիհար էր, իսկ աչքերը տենդոտ, բարձրաձայն ծիծաղեց բացելով սևացած ատամները։ Այդ ծիծաղը Վարդանին երաժշտություն թվաց։ Ավագը, պահպանելով խիստ տեսքը, ասաց.

— Հիմա կյանքն այնպիսին է, որ ավելի լավ կլիներ, եթե մենք մոռանայինք մեր ով լինելը։

Վարդանը գլխով արեց.

— Դուք այստեղ սվասցիների հանդիպե՞լ եք։

Կանայք հարցական հայացքով միմյանց նայեցին։

— Չենք կարծում,— ասաց երիտասարդը։– Ես և մայրս Քեղիից ենք։

Հայրենի գյուղի անունն արտասանելիս նրա դեմքը մռայլվեց, հետո նա ավելացրեց.

— Ավելի լավ կլիներ, եթե դուք Տեր Գևորգից հարցնեիք։ Նա ճանաչում է Հալեպում ապրող բոլոր հայերին։

— Որտե՞ղ է նրա տունը։

— Նա այն զիջել է մի ընտանիքի, իսկ ինքը իրիցկնոջ հետ ապրում է եկեղեցում։

— Թակեք ավանդատան դուռը,— ասաց ծեր կինը և ցույց տվեց եկեղեցու աջ կողմը։— Զանգակատան հետևում։

— Ուզո՞ւմ եք ձեր դույլը տանեմ, տիկին։

— Խնայեք ձեր ուժերը, երիտասարդ։ Ես այսպիսի դույլեր շատ եմ քարշ տվել։

Բարեմաղթանքներ փոխանակելուց հետո նրանք բաժանվեցին, և Վարդանը գնաց կնոջ ցույց տված կողմը։ Եկեղեցին ուղղանկյուն բակ ուներ, որի սալահատակի ճեղքերում աշնանային անձրևներից փարթամ խոտ էր աճում։ Քարե նստարանին փարաջայով մի ծերունի էր նստած և թերթ էր կարդում։ Ոտնաձայն լսելով՝ քահանան գլուխը բարձրացրեց։ Նրա ձախ աչքը չկար, և կոպը կարծես այտին կարված լիներ, իսկ ամբողջ կյանքը կենտրոնացել էր աջ աչքում, որր խորաթափանց էր։ Նեղ և երկար սպիտակ մորուքը իջնելով մինչև կրծքավանդակի կեսը՝ էլ ավելի էր երկարացնում նրա նիհար դեմքը, որն իր գույնով և կնճիռներով ծիրանի չիր էր հիշեցնում։ Նա թուրքերենով դիմեց այցելուին։

— Ո՞ր քամին է ձեզ այսքան վաղ այս կողմը բերել, երիտասարդ։

— Բարեկամական քամին,— պատասխանեց Վարդանը հայերեն, ֆեսը հանելով։

Տեր Գևորգն ուզեց ոտքի կանգնել։

— Թույլ ավեք ես նստեմ, տեր հայր։

— Նստիր, որդիս։

Նրանք միմյանց ձեռք սեղմեցին և Վարդանը նստեց նրա կողքին։ Քարը սառն էր։ Քահանան, որը պատրաստվում էր այցելուի անունը հարցնել, հանկարծ սկսեց օդը հոտոտել և ինքն իրեն հարցնել, թե արդյո՞ք քնած չէր և երազում չէր զգում այդ զարմանալի բուրմունքը։

— Սա հենց այն է, ինչի մասին դուք մտածում եք,— ասաց Վարդանը՝ նրան հանձնելով մուգ թղթից պատրաստված մի տոպրակ։

— Սո՞ւրճ,— բացականչեց քահանան։

Նա պատոեց տոպրակի անկյունը, մի պտղունց սուրճ վերցրեց և մոտեցրեց քթին։

— Սո՜ւրճ։ Այն էլ լավ սուրճ։ Շատ վաղուց սուրճ չեմ խմել։

Վարդանը գիտեր Տեր Գևորգի այդ թուլության մասին Ուռհայի զինագործից, որը հայ էր և որին նրա մասնագիտությունը հնարավորություն էր տվել խուսափելու իր համաքաղաքացիներին բաժին ընկած ճակատագրից։ Նա էր Վարդանին տվել քահանային հասցեագրված նամակները։

— Լուսաբե՜ր, Լուսաբե՜ր։

Ամուսնու կանչը լսելով՝ մոտ վաթսուն տարեկան մի կին դուրս եկավ ավանդատնից։ Նա տխուր կամ հոգնած հայացք ուներ։ Նրա այտերի, պարանոցի և թևերի թուլացած մաշկից զգացվում էր, որ նախկինում նա շատ գեր էր եղել և նիհարել էր կարճ ժամանակում։ Ձեռքերը կրծքին սեղմելով՝ նա հանդիմանեց ամուսնուն իրեն վախեցնելու համար։

— Նայիր,— ասաց քահանան ոգևորված։— Մեր բարեկամը մեզ համար սուրճ է բերել։

Գոհունակություն զգալով իր ամուսնու ուրախությունից՝ նա Վարդանին գլխով արեց։

— Բարի գալուստ, պարոն, և շնորհակալություն։

— Խնդրեմ, սուրճ պատրաստիր։

— Դուք ինչպե՞ս եք սիրում, պարոն,— հարցրեց կինը Վարդանին։– Դա՞ռը, թե քաղցր։

Վարդանը հրաժարվեց.

— Սուրճը քիչ է, պահեք ձեզ համար։

— Դառը սարքիր,— ասաց Տեր Գևորգը կնոջը, իսկ Վարդանի համար ավելացրեց։— Մենք միասին կխմենք։ Դա բնորոշ է այս ժամանակաշրջանին։

Վարդանը չհասկացավ վերջին խոսքերի իմաստը։ Նա ներկայացավ։

— Ես գուշակեցի ձեր ով լինելը,— ասաց քահանան նրա ուսին մտերմիկ հարվածելով։

Նա ավելի ուժեղ էր, քան կարելի էր ենթադրել նրա նուրբ կառուցվածքից։

— Դուք շատ լավ հոդվածներ եք գրում, որոնք օգնում են մեր գործին։ Ուրախ եմ, որ վերջապես ձեզ հանդիպեցի, որդիս։

— Ես նույնպես, տեր հայր,— պատասխանեց Վարդանը նրան պարզելով ձեռքը։

Չցանկանալով ժամանակ ձգել՝ նա անդրադարձավ իր այցելության նպատակին.

— Ես ձեզ նամակներ եմ բերել Ուռհայից։

— Մի քիչ հետո,— ցրված պատասխանեց քահանան, որը կանխավ ըմբոշխնում էր սուրճ խմելու հաճույքը։

— Ձեզ հայտնե՞լ են, որ ես ընտանիքիս անդամներին եմ փնտրում։

— Նույնիսկ երկու անգամ։ Նախ՝ ցանցը, իսկ հետո Մեթյուզ քահանան։ Դուք երկիր ու երկինք իրար եք խառնել, եթե չեմ սխալվում։

— Ապարդյուն,— մռայլ պատասխանեց Վարդանը։– Դուք որևէ տեղեկություն ունե՞ք։

— Ցավում եմ, որդիս, բայց ոչ։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ձերոնք Հալեպում չեն, ոչ էլ անմիջապես այս շրջանում։

Քահանան միակ աչքով զննում էր այցելուի դեմքը։ Նա խոսեց մեղմորեն.

— Դադարեք ձեզ տանջել, բարեկամս։

— Եվ հույսս դնեմ Աստծո՞ւ վրա,— հարցրեց Վարդանը՝ դժվարությամբ զսպելով բարկությունը։

Տեր Գևորգը հանդարտորեն շարունակեց խոսքը.

— Նաև Աստծու վրա։

Քանի որ Վարդանը լուռ էր, քահանան շարունակեց.

— Դուք պետք է ապրեք, որդիս։

— Հեշտ է ասել։

Քահանան նայեց դռան կողմը։ Ինչո՞ւ էր իրիցկինը ուշացնում սուրճը։ Ջուրը պետք է որ եռացած լիներ։

— Դուք պետք է կյանքի նպատակ գտնեք։ Այն, ինչ ես գիտեմ ձեր մասին...

— Պետք է շարունակեմ հոդվածնե՞ր գրել տեղահանությունների մասին։ Ապրելը դա՞ է։

Վարդանի կտրուկ տոնը ամենևին չշփոթեցրեց ծեր քահանային, որը ևս մեկ անհամբեր հայացք նետեց դռան կողմը։

— Դուք իրավացի եք, որդիս։ Ողբալու ժամանակն անցել է։

Վարդանը, որը հակաճառության էր սպասում, զարմանքով նայեց իր զրուցակցին։

— Ի՞նչ նկատի ունեք։

Տեր Գևորգը մեկ անգամ ևս հպվեց Վարդանի ուսին և խորհրդավոր տեսքով ասաց.

— Մենք խոսելու շատ բան ունենք։ Եթե, իհարկե, դուք չեք շտապում։

— Ես ազատ եմ մինչև կեսօր։

— Դա լավ է։

Իրիցկինը դուրս եկավ ավանդատնից անհաստատ քայլերով՝ վախենալով թափել թանկարժեք հեղուկը։ Քայլը գցելիս, նա շարժում էր ամբողջ կոնքը այնպես, ինչպես գեր ժամանակ էր անում։ Նա տղամարդկանց տվեց երկու լիքը գավաթ սուրճ։ Գավաթները ճաքճքած էին, քանի որ ամուսինները, ինչպես և բոլոր ծխականները, աղքատ էին։

— Օրհնյալ է Աստված իր շնորհների համար,— ասաց քահանան՝ գավաթը քթին մոտեցնելով և այնտեղից բարձրացող բուրումնավետ գոլորշին հոտոտելով։

Նա փակեց աչքերը, սուրճը փորձեց, իսկ մի քանի վայրկյան անց շշնջաց.

— Մենք ամեն ինչի իսկական արժեքն իմանում ենք այն ժամանակ, երբ զրկվում ենք դրանից։

Լուսաբեր իրիցկնոջ հուզված հայացքի ներքո նրանք կում–կում խմեցին սուրճը։ Գավաթը շրթունքներին մոտեցնելով՝ քահանան ֆրթացնելով կում էր անում, որպեսզի օդը հովացներ եռման հեղուկը և բերանը չայրեր։

— Կուզենայի, որ մենք շրջայց կատարեինք իմ ծխում, պարոն Վարդան,— ասաց քահանան, գավաթը կնոջը հանձնելով։

— Սվասից ընտանիքներ կա՞ն այստեղ։

— Շատ քիչ։ Ես արդեն հարցուփորձ եմ արել այդ մարդկանց, նրանք ոչինչ չեն կարող ձեզ հայտնել։

Վարդանն ամուսիններին ավանդատուն ուղեկցեց։ Սենյակի պատի տակ, որը իրիցկին Լուսաբերը կարեցածին չափով բնակելի էր դարձրել, ծալված ներքնակ կար։ Սեղանը, երկու աթոռները, պատերին կախ տված կաթսաները, քարածխի վառարանը նեղվածք էին ստեղծում փոքր սենյակում։ Ծիսական հագուստների պահարանում, որը նաև որպես մթերքի պահարան էր ծառայում, միայն մեկ կախիչ կար։ Վարդանը քանդեց իր բաճկոնի կարերից մեկը և աստառի տակից հանեց մանր ձեռագրով գրված մի քանի թերթ՝ նամակներ, որոնք Տեր Գևորգն արագ կարդաց և հանձնեց կնոջը, որ նա թաքցներ։

Ավանդատնից դուրս գալով՝ Վարդանն ասաց քահանային.

— Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ կնոջս և որդուս կապակցությամբ։

Չնայած կարեկցանքին, Տեր Գևորգը իրեն պարտավոր էր զգում չթաքցնել իր կարծիքը.

— Չեմ ուզում դաժան մարդու տպավորություն թողնել, որդիս, սակայն դուք ոչինչ չեք կարող անել նրանց համար։ Առնվազն մինչև պատերազմի ավարտը։ Ձեր կինը միգուցե եղել է այն դժբախտների թվում, ում ուղարկել են մեռնելու Եփրատի հարավում գտնվող անապատներում, կամ էլ բախտ է ունեցել փախչելու Սիջագետք, Պարսկաստան, Պաղեստին, կամ էլ...

Քահանան տատանվեց և չբարձրաձայնեց այն միտքը, որ նա կարող էր իր կամքին հակառակ դարձած լիներ որևէ բեյի սիրուհին, ինչպես բազմաթիվ հայուհիներ։

— Այնքա՜ն հնարավորություններ կան։ Դուք դրանց մասին նույնքան լավ գիտեք, որքան ես։ Դուք կարող եք ապարդյուն դես ու դեն ընկնել, ձեր ուժերը վատնել, սակայն ոչինչ չեք կարող փոխել։ Դուք կիսում եք մեր հայրենակիցների մեծ մասի ճակատագիրը և կարող եք միայն սպասել ու հուսալ։

Նա ուշադիր հետևում էր իր հյուրի արձագանքին, բայց նա անհաղորդ էր։ Տեր Գևորգր բարձրաձայնեց այն եզրակացությունը, որին հանգել էր ինքը՝ Վարդանը, իր մտորումներում և որը դեռևս չէր համարձակվում ձևակերպել։ Քահանան սպասեց, որ իր խոսքերը տեղ հասնեին։

— Այն, ինչ ես ասացի, դուք արդեն գիտեիք,— արձանագրեց քահանան։

— Անկասկած...

Վարդանը պատասխանեց ցրված տեսքով և հազիվ լսելի ձայնով։ Ձեռքը ջերմորեն Վարդանի ուսին դնելով՝ Տեր Գևորգն ավելացրեց.

— Վանեք ձեր սրտից մեղքի զգացումը, որը ոչ մի հիմք չունի։

Աղբյուրի մոտով անցնելով, նրանք շարժվեցին փոշոտ փողոցով, որն ավելի նման էր լայն արահետի և գալարվում էր անկանոն կառուցված տների միջև։ Տեր Գևորգը թևանցուկ էր արել Վարդանին ոչ այն պատճառով, որ օգնության կարիք ուներ՝ նա Տրապիզոնից ոտքով էր եկել Հալեպ, այլ պարզապես իրենց միջև մտերմիկ մթնոլորտ ստեղծելու համար, մթնոլորտ, որը խթանում էր խոստովանանքը։ Քանի որ ծեր քահանան ասելու բան ուներ, գաղափարներ ուներ, որոնք կհասկանար այս կիրթ մարդը, և որին նա կարծես վաղուց ճանաչեր նրա հոդվածների միջոցով։ Նա ուներ նաև կասկածներ, որոնք, ինչպես հույս ուներ, Վարդանը կփարատեր կամ կհաստատեր։

— Այս մեկ տարվա ընթացքում այստեղ են եկել տասնյակ հազարավոր տեղահանվածներ։ Անհամար շարասյուներ, լիքը վագոններ։ Քաղաքի հայերը չէին տուժել տեղահանություններից, և նրանք կարեցածի չափ օթևան էին տվել հայրենակիցներին։ Մնացածները մնում էին ճամբարներում՝ հին խաներում կամ էլ բաց դաշտում, մի կերպ գոյությունը պահպանելով։ Երբ իշխանությունները համարում էին, որ նրանց քանակը շատ էր ավելացել, ապա նրանք շարասյուներ էին կազմում և նրանց ուղարկում էին անապատ կամ էլ հարավի քաղաքները, որը չարյաց փոքրագույնն էր։

— Ես տեղյակ եմ, տեր հայր,— քաղաքավարի ասաց Վարդանը, որը չէր ուզում դրա մասին խոսել։

— Դուք սխալվում եք, որդիս, ես չեմ ուզում ձեզ հետ ողբերգական իրադարձությունների մասին խոսել։ Ուզում եմ ձեզ ասել, որ դեռևս մի քանի ամիս առաջ մենք զբաղված էինք, մահացածներին հուղարկավորելով։ Իսկ հիմա ձեր շուրջը նայեք։ Նոր թաղամաս է կառուցվում, կյանքը վերսկսվում է։

Քահանան դադար առավ և ակնհայտ բավարարությամբ լայն շարժումով ցույց տվեց շրջակայքը։ Կացարանները ողորմելի էին, սակայն դրանք գոնե տանիք ունեին։ Ծեր կանայք հող էին մշակում տների շուրջը, երեխաները գոռոցներով վազվզում էին։

— Ցանել՝ նշանակում է մտածել ապագայի մասին, որդիս։ Այս մարդիկ ապրում են։ Ճիշտ է, նրանք ստիպված են հույս դնել Հալեպի հարուստ ընտանիքների՝ Ալթունյանների, Մեջլումյանների և այլոց գթասրտության և ամերիկյան հյուպատոս պարոն Ջեքսոնի ու օտար միսիոներների օգնության վրա։ Բայց շատերն աշխատում են քաղաքում, շատերը զբաղվում են իրենց արհեստով, կանայք ձեռագործ են անում։

Քահանայի խոսքերը համահունչ էին Վարդանի մտքերին, որոնք ծագել էին նրա գլխում բնակավայրը տեսնելուն պես։ Եվ երբ նա մուտք գործեց թաղամաս, նա իրեն որպես նյութ փնտրող լրագրող չէր զգում, առավել ևս՝ ոչ որպես օտար քաղաք այցելած զբոսաշրջիկ, այլ իր գյուղը վերադարձած մարդու տարօրինակ զգացումն ուներ։

— Եկեք,— ասաց Տեր Գևորգը,— ես ձեզ մի բան ցույց կտամ, և դուք կուրախանաք։

Կանայք ու ծերունիները դուրս էին գալիս իրենց տներից քահանային ողջունելու համար, իսկ երեխաները հետևում էին նրանց օրինակին։ Զրկանքներն իրենց հետքն էին թողել նրանց դեմքերին, սակայն նրանց աչքերում փայլ կար, որը Վարդանին կյանքի փայլ թվաց։ Դա դեռևս ուրախության փայլ չէր, սակայն ապրելու ցանկության փայլ էր։ «Աստված օրհնի» ավանդական բանաձևից հետո քահանան յուրաքանչյուրին մի բան էր ասում, իրենց անուններով դիմելով։ Վարդանը բավարարվում էր գլխով անելով, քանի որ հուզված էր, հայտնվելով իր ժողովրդի մեջ այդքան երկար ընդմիջումից հետո։

Տեր Գևորգը կանգ առավ մի տնակի առջև, որի կավաշեն պատերը նոր էին կանգնեցվել, և մատնացույց արեց նոր տնկված ծառը։

— Սալորի ծառ է, որը պտուղ կտա տարիներ անց,— հիացավ նա։– Ես ձեզ ասացի, որ մենք զբաղված էինք մահացածներին հուղարկավորելով... Իսկ երեկ երեխա է ծնվել։

Նա թակեց դռան շրջանակը, քանի որ դուռը դեռևս տեղադրված չէր։ Կանացի մի ձայն նրանց ներս հրավիրեց։ Քահանան մի կողմ տարավ գորգը, որը որպես դուռ էր ծառայում, և Վարդանին կանչեց իր հետևից։ Հողե հատակով միակ սենյակում միայն մի ներքնակ կար։ Ներքնակին մի կին էր նստած և գրկին պահել էր խանձարուրով մի երեխա։ Նա հոգնած տեսք ուներ, սակայն ժպտաց քահանային։

— Ինչպե՞ս ես այսօր։

— Շատ լավ, տեր հայր։

— Իսկ փոքրի՞կը։

— Ոնց որ սովից փախած լինի։

Տեր Գևորգը ներկայացրեց Վարդանին, որը շնորհավորեց ծննդկանին, հետո բացատրեց.

— Տեղահանության ժամանակ Անիկի վեց երեխաները մահացել են իր աչքի առաջ։ Քառասունմեկ տարեկան հասակում, նա իր ամուսնու՝ Նազարի հետ, որը ծածկած շուկայում մի սիրիացու մոտ ոսկերչություն է անում, նոր ընտանիք է ստեղծում։

Կինն անթարթ լսում էր քահանային, իսկ Վարդանին նայում էր միաժամանակ հանդուգն և հպարտ հայացքով։ Երեխան արթնացավ և լաց եղավ։

— Կերակրելու ժամն է,— ասաց մայրը, նրա խանձարուրը բացելով։

Դրսում Վարդանն ասաց քահանային.

— Սա իսկապես հուսադրող տեսարան է։ Սակայն, Տեր Գևորգ, ինձ պետք չէ ոչինչ ապացուցել, ես հավատում եմ մեր ժողովրդի ավերակների վրա նոր կյանք սկսելու ունակությանը։ Պատմությունը շատ պերճախոս օրինակներ է մեզ ներկայացնում։

— Ես ոչինչ չեմ ուզում ապացուցել,— պատասխանեց ծեր քահանան ցածրաձայն։– Հակառակը, ես ձեզնից եմ սպասում... Սակայն ոչ այստեղ։ Գնանք այստեղից։

Նա բռնեց Վարդանի թևից և նրան տարավ տան հետևը։ Նրանք անցան փոքր բակերով և պարապուտներով, որոնք բաժանում էին խրճիթներր միմյանցից, և հասան թաղամասի ծայրին։ Մահմեդական գերեզմանոցից ոչ հեռու գտնվող խանի ավերակների մոտ Տեր Գևորգը նստեց պատից ընկած քարաբեկորի վրա։ Վարդանը կանգնած մնաց նրա դիմաց և սպասեց, որ քահանան շունչ քաշի։

— Մեր հայրենակիցներից շատերը վրեժխնդրության մասին են խոսում, որդիս, և այդ տրամադրությունը զգացվում է ձեր որոշ հոդվածներում։

Քահանայի ձայնում ափսոսանքի, գրեթե հանդիմանանքի երանգ կար։ Հարգելով իր զրուցակցի կարգը և տարիքը՝ Վարդանը մեղմորեն պատասխանեց.

— Կուզենայի նկատել, որ կառավարությունը ղեկավարող հանցագործներին բացահայտելր և հայ ժողովրդի համար արդարություն պահանջելը չի նշանակում վրեժխնդրության կոչեր անել, տեր հայր։

— Դուք դրան էլ կհասնեք, որդիս,— ասաց Տեր Գևորգը, մի քիչ խրատական տոնով։— Եվ դա սխալ կլինի։ Ես ժամանակ չունեմ մտածելու վրեժխնդրության մասին, որը, պետք է նշեմ, հակառակ է մեր հավատքին։ Կան այս մարդիկ, որոնց դուք տեսաք, որոնց պետք է խնամել և կերակրել, որոնց պետք է վերադարձնել ապրելու ցանկությունը։ Բոլոր սրանց և նաև նրանց, ովքեր քարշ են գափս ճամբարներում։ Ես ձեզ ասացի, որ մենք արդեն պետք է վաղվա օրվա մասին մտածենք։

Վարդանը գլխով արեց.

— Համաձայն եմ ձեզ հետ, տեր հայր։ Վա՜ղը, Հայաստա՜ն։ Շատերն են դրա մասին մտածում և պատրաստվում են դրա իրականացմանը։

— Հենց դա էլ ինձ անհանգստացնում է,— մրթմրթաց Տեր Գևորգը։

Նա մեղք գործած երեխայի տեսք ուներ։

— Դուք պատգամավոր եք եղել, որդիս, դուք հայտնի գրող եք։ Ես ձեզ հավատում եմ, հավատում եմ ձեր դատելու ունակությանը։ Կհամաձայնե՞ք լսել կասկածներ ունեցող ծերունու խոստովանանքը և նրան խիստ չդատել։

Վարդանը զարմացավ և պպզեց ծերունու առջև, որպեսզի դեմ դիմաց լիներ իր զրուցակցի հետ։

— Իհարկե, Տեր Գևորգ։

— Ասացեք ինձ, ի՞նչ Հայաստանի մասին եք խոսում։

— Եթե դուք կարդացել եք իմ հոդվածները, արդեն իսկ պետք է իմանայիք։

— Ես դրանք բազմաթիվ անգամներ եմ կարդացել։ Բայց ինձ նորից ասեք։

— Կիլիկիան, որը ժամանակին Փոքր Հայաստան էր կոչվում։ Օսմանյան վեց հայկական վիլայեթները, կամ Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանը, որը Ռուսաստանի կւսզմի մեջ է։ Սրանք են այն տարածքները, որոնց մասին մեր ներկայացուցիչները բանակցում են դաշնակիցների հետ։

Նա դադար առավ քահանային նայելու համար, որր խաղում էր մի քարի հետ, և հարցրեց.

— Ձեր կասկածները դրա՞ն են վերաբերում, տեր հայր։

Տեր Գևորգը հառաչեց և գլխով արեց.

— Եկեք մի կողմ թողնենք Արևելյան Հայաստանը, ուր հայերը շատ են և անվտանգության մեջ։ Սակայն Անատոլիայում և Կիլիկիայում կա՞ արդյոք այնքան հայ, որ մեծամասնություն կազմի։

— Դա կարող է պրոբլեմ դառնալ,— համաձայնեց Վարդանը։– Ահա թե ինչու մենք պետք է դաշնակիցներից երաշխիքներ պահանջենք և նախապատրաստենք մեր հայրենակիցների վերադարձը։ Այս նորածնին պետք է հայրենիք պարգևել։

— Կվերադառնա՞ն արդյոք մեր հայրենակիցները։

— Իսկ ինչո՞ւ նրանք պետք է հրաժարվեն վերադառնալ իրենց վաղնջական հայրենիքը։

— Որովհետև նրանք կհիշեն 1895 և 1915 թվերի ջարդերը, որովհետև նրանք չեն ցանկանա, որ իրենք կամ իրենց երեխաները նորից վերապրեն այդ ամենը։

— Նրանք վախենալու բան չեն ունենա, եթե մենք եվրոպական տերությունների կողմից հովանավորվող պետություն հիմնենք։

Քահանան հպվեց Վարդանի թևին և նրան ուշադիր նայեց։

— Իսկ դա հնարավո՞ր է, որդիս։

Նա ուզում էր, որ իրեն համոզեն։ Սակայն ազնվությունից դրդված Վարդանը չկարողացավ միանշանակ պատասխան տալ։

— Միգուցե և հնարավոր է։ Իսկ ինչ վերաբերում է դրա իրականացմանը, ես չեմ կարող երաշխավորել։

— Հետևաբար, դուք կասկածներ ունեք, դուք նույնպես,— բացականչեց քահանան։

— Ես չեմ սիրում այդ բառը։ Քաղաքականության մեջ երբեք չես կարող վստահ լինել,— ասաց Վարդանը։– Սակայն անվստահությունը չպետք Է մեզ խանգարի ձգտել դրան։

Տեր Գևորգը հանգստանալով, որ ինքը միակը չէ, որ կասկածում է, շարունակեց շարադրել իր տեսակետը.

— Գիտեք, որդիս, բազմաթիվ հայեր համայնքներ են կազմում Պարսկաստանում, Կիպրոսում, Եգիպտոսում և Եվրոպայում։ Եվ ես չեմ պատկերացնում, որ պետք է համոզել, որ նրանք վերադառնան կայսրության տարածքը, ուր նրանց ապագան երաշխավորված չի լինելու։

Վարդանը ոտքի կանգնեց, և Տեր Գևորգը այդ շարժումն ընկալեց որպես հեռացում, որպես հանդիմանանք։

— Ինձ ճիշտ հասկացեք, որդիս, սրանք պարտվողական խոսքեր չեն։ Ես մտածում եմ, որ գուցե զգուշավորությունը պետք է դրդի մեր եղբայրներին մնալու այնտեղ, ուր իրենք կան։

— Դեռևս շուտ է դրա մասին խոսելը։ Այդ հարցը կծագի, եթե մեզ չհաջողվի ստեղծել անկախ Հայաստան։ Մենք դեռ կտեսնենք։

Տեր Գևորգը տատանվեց, հետո անվստահ ձայնով ասաց.

— Ես կասկածներ ունեմ, դուք վստահ չեք... Մնացածները նույնպես նույն հարցերը կտան։ Ինձ թվում է, որ դուք պետք է անդրադառնաք այդ խնդրին ձեր հոդվածներում, որպեսզի մարդիկ ժամանակ ունենան իրենց ապագայի մասին մտածելու։

— Երբեք,— բացականչեց Վարդանը հակաճառություն չհանդուրժող տոնով։— Դա բարոյալքող ազդեցություն կթողնի այն հայերի վրա, որոնք կողմ են անկախ Հայաստան ստեղծելու գաղափարին, շփոթություն կառաջացնի մեր դաշնակիցների ճամբարում և փաստարկներ կտրամադրի մեր թշնամիներին։

Քահանան շփոթվել էր։ Վարդանն արևին նայեց մոտավոր ժամը որոշելու համար։

— Կեսօրին ես պետք է միանամ Փաշազադե Շահիր Միթադի նվագախմբին։

— Շատ ճարպիկ քայլ էր դերվիշների նվագախմբին միանալր,— շշնջաց Տեր Գևորգը, որն ուզում էր շահել իր զրուցակցի համակրանքը։

Նա կարող էր ինքնուրույն ոտքի կանգնել, սակայն ձեռքը մեկնեց, որպեսզի Վարդանը օգներ։ Այսպիսով նա ուզում էր վերացնել այն վիհը, որ գոյացել էր նրանց միջև։ Կանգնելով՝ քահանան բաց թողեց Վարդանի ձեռքը։

— Դուք դեռ ավելի քան մեկ ժամ ունեք, որդիս։ Թույլ տվեք ձեզ ուղեկցել։ Ճանապարհին կարող ենք այցելել որբանոց։ Կուզեի, որ դուք տեսնեիք երեխաներին։

Վարդանը հասկանում էր, որ Տեր Գևորգը ցանկանում էր, որ իրենք բաժանվեին ավելի լավատեսական տրամադրությամբ, և համաձայնեց։

Նրանք լուռ անցան ճանապարհը, որը տանում էր դեպի շուկա և շրջանցում էր այն բլուրը, որի վրա կանգնած էր միջնաբերդը։ Տեր Գևորգը ձգեց մանկատան վերածված գերմանական դպրոցի դարպասի զանգը։ Մոխրագույն քարից կառուցված շենքը ոչ մի աչքի ընկնող հատկանիշ չուներ, բացի նետաձև լուսամուտներից, և երկաթակուռ ցանկապատի հետևում մռայլ տեսք ուներ։ Մի զույգ, որը զբոսնում էր այգում, ուր դեկորատիվ բույսերին փոխարինում էին բանջարանոցի մարգերը, նրանց ընդառաջ եկավ։ Էդվարդ Գրետտերը՝ մոտ քառասուն տարեկան մի մարդ, որը մաթեմատիկա, փայտագործություն և մեխանիկա էր դասավանդում, սպայի էր նմանվում իր կարճ կտրած շիկահեր մազերով և մարզիկի մարմնով։ Սևահեր, գեղեցիկ և մոտ երեսուն տարեկան Բեատրիս Ռոհները միսիոներուհի էր և ղեկավարում էր հաստատությունը։ Քահանան ներկայացրեց Վարդանին որպես բարեկամ, առանց մանրամասնելու նրա ով լինելը։

— Կուզեի՞ք տեսնել ննջարանները և խոհանոցը,— առաջարկեց երիտասարդ կինը կատարյալ թուրքերենով։— Կնախաճաշեի՞ք մեզ հետ։

— Դժբախտաբար մենք քիչ ժամանակ ունենք,— պատասխանեց Տեր Գևորգը։— Կարո՞ղ ենք դասասենյակները տեսնել։

— Գիտեք, երեխաները պարապում են։

— Մենք միայն մեկ հայացք կգցենք։

Նա նրանց ներս ուղեկցեց և բացեց մաշված մանրահատակով միջանցքի ծայրում գտնվող դահլիճի դուռը։ Մոտ երեսուն երեխա, գետնին նստած, տետրերը ծնկներին հետևում էին կավճին, որով ուսուցիչը թվեր էր գրում գրատախտակին։

— Նայեք, ինչ ագահությամբ են նրանք կլանում գիտելիքները,— շշնջաց Տեր Գևորգը Վարդանի ականջին։— Նայեք, թե որքան խելացի են նրանց աչքերը, սակայն այդ աչքերը սարսափելի բաներ են տեսել։

Երբ Վարդանը նկատեց, որ ինքը զննում էր յուրաքանչյուր երեխայի դեմքը, հուսալով հայտնաբերել Թովմասին, գլուխը դարձրեց։ Նա այլևս չէր ուզում խոսել ոչ երեխաների, ոչ էլ միսիոներների հետ, ինչպես մտադրվել էր անել սկզբում։

Նրանք փողոց դուրս եկան, և քահանան մի քիչ ուղեկցեց Վարդանին։ Տեր Գևորգը ոգևորված էր.

— Տեսա՞ք այդ փոքրիկներին։ Սա ապագայի սերմնացանն է և այն չի կարելի վատնել։

Վարդանը, իր որդու մասին մտածելով, գլխով արեց։ Քահանան ոգեշնչված շարունակեց.

— Այն Հայաստանը, որի մասին երազում են մեր հայրենակիցներից շատերը, Տիգրան Մեծի Հայաստանն է, հզոր մի պետություն, որը սփռվում էր Սև ծովից մինչև Միջերկրականը, պետություն, որ զենքի ուժով գոյատևեց այնքան ժամանակ, մինչև ավելի հզոր հարևանը այն նվաճեց։ Կարծում եմ, որ այդ Հայաստանը երբեք չի վերածնվի։

— Ապագան ցույց կտա,— պատասխանեց Վարդանը սրտնեղած։

— Հայաստանը, Մեծ Հայքը, հավերժ Հայաստանը կապրի այսուհետ միայն այս երեխաներից յուրաքանչյուրի մեջ։ Անցած ամիս ես տեսիլք եմ ունեցել, նոր Մովսեսն առաջնորդում էր մեր ժողովրդին դեպի Ավետյաց երկիր։ Սակայն այդ երկիրը նման չէր Անատոլիային։ Գուցե մեր ճակատագիրը աշխարհով մեկ ցրվե՞լն է։

— Ես չեմ կարող դա ընդունել։ Հրաժարվե՞լ առանց որևէ բան փորձելու։ Ես հարգում եմ ձեր տեսակետը, տեր հայր, սակայն չեմ կիսում։ Եվ խոսք չի կարող լինել, որ ես այդ տեսակետը տարածեմ։

Ծանր լռություն հետևեց։ Ծերունին էլ ավելի ուժգին էր կառչում Վարդանի թևին և Վարդանը զգաց, որ նա շվտթված էր, և դա նրան ցավ պատճառեց։

— Կարևորը, տեր հայր, այն է, ինչ դուք անում եք մեր ժողովրդի համար։ Ձեր անխոնջ նվիրումը անգնահատելի է և անփոխարինելի։ Մնացածը կտեսնենք, երբ կգա ժամանակը։

— Դուք իրավացի եք, որդիս,— պատասխանեց քահանան երախտագիտությամբ։– Թող կորչեն գաղափարները։ Հարկավոր է թևերը քշտել և անել անհետաձգելի գործերը։

Նա Վարդանի խոսքերն ընկալում էր որպես անհերքելի ճշմարտություն։ Մի քանի քայլ անցնելով, նա ուրախ ասաց.

— Մենք պետք է հույսներս դնենք Աստծու ողորմածության վրա, այո։ Մենք խաշնարած շներ ենք, որդիս։ Դուք հատկապես։ Դուք հավաքում եք մոլորված գառներին, իսկ մենք օտար միսիոներների օգնությամբ փորձում ենք ի մի բերել ցրված հոտը։ Այս մանկատունը, ինչպես և շրջանի մեկ տասնյակ այլ մանկատներ, փարախներ են։ Իսկ պատերազմից հետո մենք այս հոտը կտանենք ապահով մի վայր։

— Որտեղ էլ լինի այդ ապահով վայրը,— ասաց Վարդանը խորամանկ տեսքով։

— Որտեղ էլ լինի,— համաձայնեց քահանան։– Շնորհակալ եմ, որ դուք չնեղացաք ինձնից իմ... այսպես ասենք, ինքնատիպ գաղափարների համար։ Վերագրեք դա իմ պատկառելի տարիքին։

— Ոչ, Տեր Գևորգ, ես այդ գաղափարների մեջ տեսնում եմ անցյալի կրկնությունից խուսափելու անկեղծ ցանկություն։ Մենք բոլորս, քանի ողջ ենք, երազում ենք մեկ բանի մասին։ Հայաստանի մանուկների ազատ ապագայի մասին։

Մուեզզինը ազդարարեց կեսօրի աղոթքը։

— Թող Աստված ձեզ օրհնի,— շշնջաց Տեր Գևորգր։

— Աստված ձեզ պահապան, տեր հայր։

Վարդանը կրծքին սեղմեց ծերունուն և արագ քայլերով հեռացավ։

✻    ✻



Կուրտի հաչոցն անհանգստացրեց Արուսյակին։ Նա շալն ուսերին գցեց, քանի որ 1916 թ. այդ վերջին օրր ցրտաշունչ էր։ Դրսում չորացած խոտն ու գետինը եղյամով էին պատված։ Ինչպես և շունը, երիտասարդ կինը ճանաչեց ճանապարհին հայտնված ուրվագիծը, և նրա սիրտը թրթռաց կրծքում։

— Վարդան,— բղավեց նա և վազեց նրան ընդառաջ։

Սև շունը նրանից առաջ էր ընկել։ Վարդա՜ն։ Գրեթե մեկ տարի էր, ինչ Արուսյակը կարծում էր, որ ինքը կորցրել էր Վարդանին, և ահա, բոլորովին անսպասելի, նա վերադառնում էր։ Երա՜զ։ Դա երազ էր։ Նա մտաբերեց մի քանի ամիս առաջ Քերիմի ստացած նամակում իրեն վերաբերող բառերը. «Ոդջունիր իմ բարեկամին, ասա, որ ես ջերմությամբ եմ մտածում նրա մասին և որ կրկին շնորհակալություն եմ հայտնում նրան իր հյուրասիրության համար»։ Քերիմի կարծիքով նրա զսպությունը բացատրվում էր գրաքննության վախով և որ անհրաժեշտ էր կարդալ տողերի արանքում։ Արուսյակը շատ իմաստներ էր փնտրել «ես ջերմորեն եմ մտածում նրա մասին» արտահայտության մեջ։

Այս վերադարձը վկայում էր նրա սիրո մասին։ Այդ գաղափարը ծագեց նրա գլխում և նրան շփոթեցրեց։ Ինչպես էին նրանք վերականգնելու նախորդ ձմեռվա մտերմությունը։ Այնքան ժամանակ էր անցել... Շփոթված Արուսյակը կանգ առավ Վարդանից մի տասը քայլի վրա։ Վարդանը, ուսապարկը գետնին դնելով, շոյում էր Կուրտի գլուխը, որը թաթերը նրա ուսերին էր դրել։ Արուսյակին նա էլ ավելի գեղեցիկ թվաց, ավելի խոշոր, ավելի ուժեղ։ Նրա հոգում տենչն ու հուզմունքն իրար էին խառնվել։

Վարդանը մեքենայաբար շարունակում էր շոյել շանը, հետաձգելով խոսելու պահը, որպեսզի հանգիստ նայեր այն կնոջը, որի մոտ էր վերադարձել։ Վերջապես մի կողմ հրեց շանը և ձեռքերը տարածեց։ Արուսյակը փարվեց նրա կրծքին։

— Արուսյա՜կ, Արուսյա՜կ...— շշնջաց նա դողդոջուն ձայնով, նրան իր կրծքին սեղմելով։

Նա բարձրացրեց կնոջ դեմքը և համբուրեց։ Արուսյակը դողում էր։

— Կմրսես,— ասաց նա՝ վերցնելով գետնին դրված իր իրերը։— Շուտ տուն գնանք։

— Տուր ուդը։

Պաստառի մեջ փաթաթված ուդը նա բռնել էր այնպես, ինչպես գրկում են երեխային։ Խոսքերը խռնվել էին նրա կոկորդում, սակայն դրանցից և ոչ մեկը չէր կարող արտահայտել նրա երջանկությունը, և նա ոչինչ չասաց։

— Ես չկարողացա քեզ նախազգուշացնել։

— Դու այստեղ ես, դա է կարևորը։

Տանը մոտենալով՝ Վարդանը հայացքը դարձրեց Արյուսակից և նայեց դաշտերին, խոտի դեզին, պտղատու ծառերին, ջրհորին, գոմին, կարծես ուզում էր հավաստիանալ, որ ոչինչ չէր փոխվել։ Արուսյակն ուրախացավ, կարծելով, որ դա սեփականատիրոջ հայացք էր։

— Քերիմի մոտ մտե՞լ ես։

— Ոչ, ես ուղիղ այստեղ եկա։

Այդ պատասխանր ևս մեկ առիթ տվեց կնոջը ուրախանալու, առավել ևս, որ Վարդանն ավելացրեց՝ բացելով տան դուռը.

— Այնպիսի տպավորություն ունեմ, կարծես տուն վերադարձած լինեմ։

Նա ուսապարկը հատակին դրեց և վերարկուն կախեց պատի կախիչներից մեկի վրա։

— Նստիր,— ասաց Արուսյակր, ցույց տալով մսւհճակալը։— Ես քեզ համար թեյ կպաւորաստեմ։

Նա կրակն էր թեժացնում՝ առանց աչքը Վարդանից կտրելու։ Վարդանը նույնպես նրան էր նայում։ Նրանք այնքան բան ունեին իրար ասելու, և միևնույն ժամանակ բառերն ավելորդ էին. նրանք հայացքով էին միմյանց ընտելանում։ Երբ Արուսյակը գնաց կաթսայի մեջ ջուր լցնելու, Վարդանը մոտեցավ նրան և օդ բարձրացրեց։ Արուսյակը ծիծաղեց երջանկությունից։ Վարդանը նրան տարավ մինչև մահճակալը, պառկեցրեց և համբույրներով ծածկելով նրա դեմքը, սկսեց տենդագին նրան մերկացնել։ Արուսյակը դադարեց ծիծաղել, նրա շնչառությունն ընդհատուն դարձավ և նա տնքաց։ Նա ազատվեց իր հագուստներից և նրանք միացան։

Նրանք պառկած մնացին։ Նրանք այնքան մոտ էին, որ տեսնում էին միայն միմյանց աչքերը։ Կամաց-կամաց մութն ընկավ, սակայն նրանք չէին խախտել իրենց շրջապատող լռությունը։ Նրանք դարձյալ անձնատուր եղան իրենց սիրուն։ Հանպատրաստից սիրո խոստովանանքներ հնչեցին։ Նրանք քնեցին առանց ճաշելու և այգաբացը դիմավորեցին միմյանց գրկում։

Գոմից անասունի ձայներ էին հասնում։ Նրանք ստիպված եղան դուրս գալ վերմակի տակից և հայտնվել սենյակի սառը և խոնավ օդում։ Վարդանը բացեց ուսապարկր և միջից մի իր հանելով թաքցրեց մեջքի հետևում։

— Շնորհավոր նոր տարի,— ասաց նա և ափը բացեց Արուսյակի առջև։

Դա եղնջաքարով զարդարված արծաթյա մանյակ էր։

— Ինձ համա՞ր է,— ասաց նա՝ աչքերին չհավատալով և հիացած։— Ի՞նչ կարիք կար։

Վարդանը շղթան անցկացրեց նրա պարանոցով, և Արուսյակը ցնցվեց, երբ սառը մետաղը հպվեց նրա մերկ կրծքին։ Նա բացականչեց.

— Շատ գեղեցիկ է։ Սակայն... ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու։

— Դու ինձ արդեն ամեն ինչ տվել ես,— պատասխանեց Վարդանը՝ շոյելով նրա ուսերն ու ստինքները։

Արուսյակը համբուրեց նրան և փարված մնաց նրա կրծքին.

— Ես այն երբեք չեմ հանի վզիցս։

Այդ զարդը նրա համար խորհրդանշական էր, ինչպես ամուսնական մատանին։ Այդ զարդով Վարդանն ընդգծում էր, որ Արուսյակն իրեն էր պատկանում։ Արուսյակը լուրջ ձայնով ասաց.

— Շնորհավոր նոր տարի, սիրելիս։ Ես ցանկություն եմ պահել, որ...

Նա չավարտեց նախադասությունը և ժպտաց իր զարդը մոտիկից ուսումնասիրելով։ Վարդանը հեռացավ և սկսեց հագնվել։

— Ես գնամ անասունը կերակրեմ, քանի դու նախաճաշր կպատրաստես։

Արուսյակը խաղաղվեց այն մտքից, որ Վարդանը վերադառնում էր այն կենսակերպին, որն իրենք սահմանել էին նախորդ տարվա ընթացքում, կարծես նրա բացակայությունը կարճատև ընդմիջում էր։ Հենց այդ նույն տպավորությունն ունեցավ Վարդանը, մտնելով տաք գոմն իր հարազատ հոտով։ Այստեղ վերջին ամիսների ընթացքում իր ապրած կյանքը մի քիչ անիրական էր թվում, իրական կյանքից դուրս։

Եղանով աշխատելը, ջրհորից ջուր հանելը, գուռի մեջ լցնելը, թրիքը մաքրելը, այս բոլոր գործողություններն այնքան իրական էին, իր վերջին ամիսների կյանքի համեմատությամբ։ Նա մտածեց Հալեպում խրճիթի առջև տնկված սալորի ծառի մասին։ «Վերսկսենք ապրել», ասաց Տեր Գևորգը։ Ուդի Յաշար... Խորասուզվել գյուղացու կյանքի անհայտության մեջ, սիրել մի կնոջ, որը քեզ սիրում է, նայել, թե ինչպես են անցնում տարվա եղանակները և մտահոգվել միայն երաշտով ու վաղաժամ ցրտերով։ Բայց կկարողանա՞ արդյոք մոռանալ, որ ինքը եղել է Վարդան Պալյանը՝ գրող և դեղագործ, մոռանալ, որ ինքն ունեցել է կին ու երեխա, այլևս չմտահոգվել հայ մնալու խնդրով։ Բարկանալով, որ հարցն արդեն իսկ պատասխան էր պարունակում, նա դուրս եկավ գոմից։

— Վարդա՜ն։

Քերիմի ճիչը վկայում էր նրա զարմանքի և ուրախության մասին։ Իր բազմաթիվ հագուստների պատճառով նա դժվարությամբ վազեց Վարդանին ընդառաջ։ Նրա սովորաբար տխուր աչքերը ուրախ էին նայում մորթե գլխարկի տակից։ Նրանք ամուր գրկախառնվեցին, և բարեկամական զգացմունքներն արտահայտելուց հետո, ուսուցիչը զարմացավ, որ իրեն չէին նախազգուշացրել։

— Ես երեկ երեկոյան շատ ուշ եմ եկել,— ներողություն խնդրելով, ասաց Վարդանը, որը Քերիմի ձայնում գրեթե խանդ զգաց։

— Դու մեզ հետ պետք է նախաճաշես,— ավելացրեց նա։— Նոր տարի է։ Իսկ դասերդ ինչպե՞ս են։

Տրտմությունը չթաքցնելով՝ ուսուցիչը պատասխանեց.

— Օ՜ֆ... ծանր ժամանակ է։ Իմ աշակերտներից շատերը կոշիկ չունեն և տնից դուրս չեն գալիս այս եղանակին։ Ինչպե՞ս կարելի է սովորել դատարկ փորով։ Այստեղ սով էր, ինչպես և այլուր։ Արուսյակը երևի քեզ պատմել է։

Վարդանն անորոշ շարժում արեց, ոչ այո, ոչ էլ ոչ։

Նրանք երեքով նստեցին սեղանի մոտ, սիսեռից և մսից պատրաստված կերակուրի առջև, և Քերիմը հարցրեց Վարդանի ճանապարհորդության մասին։ Գուցե իր գրքային գիտելիքները իրականության հետ համեմատելու համար, նա խնդրեց Վարդանին նկարագրել որոշ քաղաքներ և այցելած շրջանների աշխարհագրությունը։ Վարդանը հաճույքով կատարեց նրա խնդրանքը, բաց թողնելով տեղահանություններին վերաբերող մանրամասները։ Արուսյակը վախենում էր, որ Քերիմը հարցեր կտար նրա կնոջ և որդու որոնումների մասին։ Նա գիտեր, Վարդանի հենց Ուրգուպ վերադառնալու փաստից, որ որոնումներն իզուր էին անցել, ինչը կարելի էր կանխատեսել, և գերադասում էր դրա մասին չխոսել։ Ինքը Արուսյակը չէր ուզում մտածել այդ անհաջողության մասին, որը հնարավոր էր դարձրել իր երջանկությունը, որը երանգավորված էր Վարդանի նկատմամբ իր կարեկցանքով և մեղքի որոշակի զգացմամբ, որ իր երջանկությունը հիմնվում էր մեկ այլ կնոջ և երեխայի դժբախտության վրա, սակայն դրան էր միախառնվում անհաղթահարելի ուրախությունը, որ իր տղամարդն իր մոտ էր վերադարձել։ Բնականաբար Վարդանն էլ չէր խոսում դրա մասին, քանի որ նրա հոգում պայքարում էին երկու անհամատեղելի զգացմունքներ։

Իր նրբանկատության շնորհիվ Քերիմը զգաց, որ կային բաներ, որոնց մասին իր բարեկամները գերադասում էին լռել։ Ճաշի ավարտին, ծխախոտ փաթաթելով, նա հարցրեց.

— Եթե անհամեստության չէ, ինչի մասին էր քո քեռորդու նամակը։

Վարդանը բոլորովին մոռացել էր, որ Տիրանի նամակն իրեն էր սպասում Ուրգուպում։ Ներքուստ նա այդ մոռացկոտությունը վերագրեց ճանապարհորդության հոգնությանը և վերադարձի հուզումներին, ինչպես նաև այն փաստին, որ տիկին Մեթյուզի միջոցով ինքը գիտեր այդ նամակի հիմնական նորությունները։ Նա փորձեց թաքցնել այդ մոռացկոտությունը և, վերցնելով ծխախոտի քսակը և թուղթը, որ նրան էր մեկնել իր բարեկամը, խուսափողական պատասխան տվեց.

— Ըստ երևույթին նա վախեցել է, որ նամակը կընկնի իշխանությունների ձեռքը և առանձնապես կարևոր բան չի գրել։

Քերիմը չպնդեց։ Նա ուզում էր խոսել երկրի քաղաքական իրավիճակից, սակայն մտածեց, որ կարելի էր մի քանի օր սպասել, քանի որ Վարդանն ու Արուսյակը շտապում էին մենակ մնալ։ Հրաժեշտ տալուց առաջ նա ասաց.

— Մենք երջանիկ ենք, որ դու այստեղ ես։ Արուսյակը երևի քեզ ասել է, որ այս ձմեռ աշխատանք շատ կա։ Շատ գյուղացիներ սովի են մատնված, և նրանք, ովքեր հայ երեխաներ են ծառայության վերցրել, ազատվում են նրանցից։ Այդ դժբախտները մուրում են գյուղերում, թափառում են ճանապարհներին և քնում են, ուր պատահի։

Այս անգամ Արուսյակի հերթն էր իրեն մեղավոր զգալու։ Այդուհանդերձ, նա շփոթմունք չցուցաբերեց և վստահ տեսքով ասաց.

— Ես դեռ չեմ ասել, քանի որ նա հոգնած էր և պետք է հանգստանար։

Ուսուցիչը գլխով արեց, մի քանի խոսք ասաց հաճախակի դարձած բռնագրավումների մասին, որոնք իրականացնում էին պաշտոնյաները բանակը պարենով ապահովելու համար, հետո վեր կացավ։ Արուսյակը նկատեց, որ Քերիմը կգերադասեր, որ իրեն պահեին, և նա ուսուցչին ճաշի հրավիրեց։ Նա առանց վարանելու ընդունեց հրավերը։

Երբ մենակ մնացին, Արուսյակը վարդանին տվեց նամակը, որը շուրջ չորս ամիս նրան էր սպասում։ Բացված ծրարը հասցեագրված էր Քերիմին և հետադարձ հասցե չուներ։ Վարդանը լուսամատին մոտեցավ՝ Տիրանի անկանոն ձեռագրով գրված երկու թերթերը կարդալու համար։

«Սիրելի եղբայր, մենք բոլորս ուրախությամբ իմացանք, որ դու ողջ ես, սակայն քո դժբախտությունների պատմությունը մեզ խորապես ցնցեց։ Ինչպես և դու, մենք ոչ մի լուր չունենք Մարոյից ու Թովմասից։ Քեզ և մեր հայրենակիցների համեմատ մենք լավ ենք, և ես չէի համարձակվի քեզ պատմել մեր դժվարությունների մասին, որոնք քեզ չնչին կթվան։ Պոլսի համայնքը շատ ազդված է ողբերգությունից, հայրս կաթված ստացավ, որից հրաշքով ապաքինվեց։ Մայրիկն ու Լուսիկը առողջ են։ Եղբայրդ իր ընտանիքի հետ ապաստանել է Երուսաղեմում։ Պարգևը Նյու Յորքում է, ուր նա միջոցներ է հավաքում «տեղահանությունների» զոհերի համար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարեցածս եմ անում, սակայն ստիպված եմ թաքնվել ոստիկանությունից (քեզ ծանոթ վիճակ է) և դա սահմանափակում է գործելու իմ հնարավորությունները»։

Մոտ կես էջի վրա Տիրանը գրում էր Հայաստանի անկախության անհրաժեշտության մասին, պատասխանելով այն առարկություններին, որոնք ինքն էլ առաջ էր քաշում։ Նա ընդհանուր առմամբ էր խոսում, առանց որևէ անուն կամ մանրամասն տալու, որը կկարողանար օգտագործել կառավարությունը, սակայն նամակում այնպիսի ակնարկներ կային, որոնք հասկանալի էին Վարդանին։ Նա այնքան լավ էր ճանաչում Տիրանին, որ կարող էր լրացնել նրա բացթողումներր, և զգում էր, չնայած նախադասությունների զսպոլթյանր, նրա վրդովմունքը, կիրքն ու ոգեշնչումը։ Նամակն ավարտվում էր մայրաքաղաքում իրենց միանալու հրավերով։ Վարդանը ճմրթեց թերթերը՝ օջախը գցելու մտադրությամբ։ Նրան հեղեղեցին Կոստանդնուպոլսի մասին հիշողությունները, քեռի Մեսրոպի բնակարանը, իր այցելած վայրերը, իր դեղատունը Բերա թաղամասում, ազգականների և ընկերների դեմքեր, և հատկապես Մարոն՝ իրենց ամուսնության սկզբում։ Կոստանդնուպոլիս...

Լուսամուտներին քաշած յուղած թղթի պատռվածքից նա տեսավ Արուսյակին, որը սենյակից դուրս էր եկել ընթերցանության ընթացքում։ Ցանկապատին հենված՝ նա տանն էր նայում, և նրա դեմքը կարծես լարված էր։

✻    ✻



Հունվարի 3-ին ուժեղ ձյուն սկսվեց և տեղաց քառասունութ ժամ։ Արուսյակը հաճախակի բացում էր դուռը և մտահոգ երկնքին էր նայում։ Հետո մի քիչ դադար եղավ, սակայն այդ ժամանակ էլ քամի բարձրացավ և սկսեց քշել գետնին կիտված ձյունը։ Ձնաբուքը փակում էր տեսադաշտը, և Արուսյակը ավելի նյարդային էր դառնում։

— Փոթորի՞կ է,— հարցրեց Վարդանը։— Սակայն դու պետք է սովոր լինես դրան։

— Երեխաները...

— Քանի՞սն են։

— Ինը հոգի։ Նրանք Գորեմեի հին եկեղեցում են։ Մեթյուզ քահանան պետք է գար նրանց հետևից, և ես վախենում եմ, որ չկարողանա։

— Կարելի՞ է որևէ բան անել։

— Այս պահին՝ ոչինչ։ Երեխաները դեռ երկու օրվա ուտելիք ունեն։ Հարկավոր է տեղեկությունների սպասել քահանայից։

Քանի որ շրջանում որբանոց չկար, Արուսյակը հավաքում էր բոլոր լքված երեխաներին և ժամանակ առ ժամանակ Մեթյուզ քահանան, կամ նրա գործընկերներից որևէ մեկը գալիս էին նրանց հետևից և բաշխում էին տարբեր հաստատությունների միջև։ Արուսյակն ու Քերիմը հայտնաբերում էին իրենց փոքրիկներին գյուղերում և քաղաքներում, ուր նրանք մուրում էին, իսկ ոմանց էլ ոււլարկում էին իրենց հույն բարեկամները, երբ հայտնաբերում էին այդ երեխաներին։ Պատահում էր նաև, որ զույգը մեկ պարկ ցորենով «գնում» էր երեխաներին գյուղացիներից, որոնք նրանց տանջում կամ անխղճորեն շահագործում էին։

Հաջորդ օրվա լուսաբացին Քերիմը քահանայից հեռագիր ստացավ, ուր նա հայտնում էր, որ ինքը ձյան պատճառով մնացել էր Ակսարայում և կառք ու ձիեր գտնելուն պես պետք է գնար Նեվշեհիր։ Այդտեղից ճանապարհը, անկասկած, անանցանելի կլիներ և հարկավոր էր այնտեղ հասցնել երեխաներին։

— Նեվշեհի՜ր,— բացակւսնչեց Արուսյակը բարկացած։— Դա Գորեմեից տասը կիլոմետր հեռու է։ Այս պայմաններում... Նրանք ստիպված կլինեն ոտքով գնալ։

Քերիմն անհամբեր շարժում արեց.

— Մենք ընտրություն չունենք։

— Իսկ նրանք ի վիճակի՞ են— հարցրեց Վարդանը։

— Մեծ մասը հյուծված է, ոմանք՝ հիվանդ,— ասաց Արուսյակը մտահոգ տեսքով։

— Քանի՞ տարեկան են։

— Երեքից տասներկու տարեկան։

Արուսյակի ձայնում որոշակի լարում էր զգացվում։ Քերիմը լավատես ձևացավ.

— Զրկանքները ամրապնդել են նրանց ոգին։

— Անհրաժեշտության դեպքում մենք կգրկենք ամենափոքրերին ավելացրեց Վարդանը։— Բացի դրանից, մենք հետներս ավանակին կտանենք։

Նրանք վճռեցին, որ Նեվշեհիր հասնելով, նրանք պետք է երեխաների հետ մնային մինչև միսիոների ժամանումը։ Սպասումը կարող էր մի քանի օր տևել, իսկ Քերիմը չէր կարող այդքան ժամանակ բացակայել առանց Ուրգուպի բնակիչների հետաքրքրասիրությունը շարժելու։ Դա նրան տխրեցնում էր։ Արուսյակը նրան հավաստիացրեց, որ ինքն ու Վարդանը գլուխ կհանեին։

— Ես կգամ և կկերակրեմ անասունն ամեն առավոտ,-ասաց Քերիմը։

Երիտասարդ կինը տաք շորեր հանեց իր սնդուկից։

— Եթե շտապենք, կարող ենք Գորեմե հասնել կեսօրին, իսկ Նեվշեհիր՝ մինչև գիշեր։ Գնացեք ավանակին բարձեք, իսկ ես կմիանամ ձեզ գոմում։

Բրդյա թիկնոցն ու մորթե գլխարկը հագնելով, Վարդանը դուրս եկավ Քերիմի հետ։ Երեխաների նկարագրությունը հուզել էր նրան, իսկ անսպասելի արկածը՝ գրգռել։

— Ի՞նչ հեռավորության վրա է Գորեմեն։

— Երեք ժամվա ժանապարհ է,— պատասխանեց ուսուցիչը։– Միգուցե չորս՝ այս զզվելի եղանակին։

— Իսկ հետո մի տասը կիլոմետր երեխաների հե՞տ։

— Այո։

Նրանք արդեն բարձել էին ավանակին, երբ եկավ շալի մեջ փաթաթված Արուսյակը։ Նա շալվար էր հագել, որը երևում էր սև շրջազգեստի և վերարկուի տակից։ Նրանք երկու մեծ պայուսակների մեջ բրդյա հագուստ, ծածկոցներ և ուտելիք տեղավորեցին. բլղուր, ղաուրմա, այծի պանիր, սոխ, ընկույզ և ծիրանի չիր։ Արուսյակը լամպի կանթն անցկացրեց կապոցներն ու մի խուրձ խոտը պահող պարաններից մեկի միջով։ Ոտքը ձյան վրա դնելուն պես ավանակը կանգ առավ, և նրանք ստիպված եղան մահակ բանեցնել նրան տեղից շարժելու համար։

Երիտասարդ կինը շանը տանը փակեց, դուրս բերեց հրացանն ու փամփուշտները և տվեց Վարդանին։ Նրանք Քերիմից բաժանվեցին ճանապարհին։ Նա գնաց դեպի գյուղը, իսկ զույգը շարժվեց ձյունածածկ դաշտով, որը կորչում էր տեսադաշտից, երբ քամին քշում էր ձյունը։ Արուսյակը բռնել էր ավանակի երասանը, իսկ Վարդանը հրացանն ուսին հետևում էր նրանց։ Սառը քամին սուլում էր ծառերի ճյուղերի մեջ, հարվածում էր դեմքին, կտրում էր նրանց շնչառությունը, մտնում էր հագուստի տակ։ Չնայած վատ տեսանելիությանը, երիտասարդ կինը վստահ առաջ էր շարժվում անկանոն հողակտորների լաբիրինթոսում, որոնք միմյանցից բաժանվում էին քարակույտերով։ Սարերի գագաթներին ձյուն չկար, սակայն հեղեղատների խորքում հասա շերտով ձյուն էր կիտված։ Նրանք դադար առան, քամուց պատսպարվելով մի ժայռի հետևում։ Ավանակի մռութն ու մորթը եղյամով էր պատվել, և Արուսյակը նրա գլուխը շոյեց։

— Քաջ կենդանի։ Այս երեկո կկարողանաս մի բոլ հանգստանալ։

Կենդանին, անտարբեր մնալով փաղաքշանքին, սկսեց ձյուն ուտել ծարավը հագեցնելու համար։

— Չե՞ս մրսում,— հարցրեց Վարդանն իր ընկերուհուն, որը նրան էր սեղմվել։

Արուսյակը կկոցել էր աչքերը, քանի որ արցունքները սառել էին նրա թերթևանունքների վրա։ Վարդանը ձեռնոցները հանեց, ափերի մեջ առավ Արուսյակի դեմքր և զգուշորեն փչեց նրա դեմքին՝ կարմրած քիթն ու այտերը տաքացնելու համար։ Արուսյակը փորձեց ժպտալ, սակայն նրա հոնքերի միջև գոյացած կնճիռը չհարթվեց։

— Ես մտածում եմ երեխաների մասին։ Նրանք հագուստ գրեթե չունեն,— շշնջաց նա։

— Մենք բրդյա հագուստ ունենք, ծածկոցներ։ Մի բան կհնարենք։ Փոքրերն ավանակին կնստեն։ Ես կապոցները կվերցնեմ։ Ավելի մեծերը կօգնեն փոքրերին։

Վարդանի վստահ տոնից կինը հանգստացավ ու ժպտաց։

— Հետո, Արամը կա։

— Արա՞մը։

— Տասնչորս տարեկան տղա է, որին Քերիմը հանդիպել է անցած ամառ։ Նա հրաժարվեց որբանոց գնալ և այդ ժամանակից օգնում է մեզ։

— Համարյա թե տղամարդ է,— ասաց Վարդանը։— Ուրեմն մենք երեքով կլինենք։

Նրանք շարունակեցին ճանապարհը և քիչ անց մուտք գործեցին անսովոր մի երկիր։ Սպիտակ տուֆից ծխնելույզներ, բազալտե սև սյուներ, անկանոն կոներ, տավւսւկ քարերով պսակված կոթողային բևեռներ, անցումների և խանձահովիտների լաբիրինթոսներ՝ հանքաքարերի մի աշխարհ, որը գոյացել էր հրաբխային ապարների քայքայումից, անիրական մի պատկեր, ուր քամու բվոցը կարծես քարերից ելներ։ Կապադովկիա՜։ Առաջին քրիստոնյաները շարունակել էին բնական ուժերի գործը և ժայռերի մեջ եկեղեցիներ, վանքեր և ամբողջ գյուղեր էին փորել։

Նրանց դիմաց բացվեց Գորեմեի գոգը՝ մի միջանցք էր, ուր սուլելով խուժում էր քամին։ Ոսկեգույն ժայռի երկու ծայրերում բացվածքներ կային։ Չնայած իրավիճակին, Վարդանը, տեսնելով այդ գրեթե առասպելական վայրերը, Անատոլիայի հնագույն քրիստոնեական հուշարձանները, չէր կարողանում զսպել իր բնական հետաքրքրասիրությունը։ Մարդիկ թաքնվում էին այստեղ արաբ թալանչիներից խույս տալու համար, իսկ վերջիններիս գնալուց հետո դուրս էին գալիս այստեղից իրենց գյուղերը վերականգնելու և իրենց հողը նորից ծաղկեցնելու համար։ Նույնիսկ այսօր էլ մարդկային ձեռքերով փորված այդ անձավները ապաստանում էին հալածվածներին։

— Այստեղ է,— ասաց Արուսյակը։

Ուղղահայաց լանջի վերևում նա երեք զուգահեռ բացվածքներ ցույց տվեց։ Աջ բացվածքում մի ուրվագիծ երևաց։

— Քույրիկ,— կանչեց ուրախ մի ձայն։

— Արա՜մ։

Տղան դուրս թռավ, արագ իջավ լանջով և վազեց եկվորներին ընդառաջ։ Նա Վարդանին շփոթել էր Քերիմի հետ, և նրա դեմքին անվստահություն հայտնվեց օտարի ներկայությունից։ Նրա երկար մազերր խճճված էին, քիթը կեռ էր, իսկ շրթունքները՝ բարակ։ Նա մերթ Արուսյակին էր նայում, մերթ Վարդանին, կարծես բացատրություն էր հայցում։ Արուսյակը նրանց ներկայացրեց։ Արամը մի քանի վայրկյան զննեց Վարդանին ձեռքր նրան մեկնելուց առաջ։ Նա պաշտոնական տոնով ասաց.

— Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, պարոն Վարդան։

— Ես նույնպես, պարոն Արամ,— պատասխանեց Վարդանը լուրջ տեսքով։

Նրա հագի գործած սև հագուստը մեծ էր վրան, և դրանից նա շատ նիհար էր թվում, սակայն ձեռքն ուժեղ էր։ Հորից մնացած միակ հիշատակը՝ կեռ դաշույնը, կախված էր նրա գոտուց։ Արուսյակը բացատրեց, թե ինչու էին իրենք եկել։ Մինչև Նեվշեհիր գնալու անհրաժեշտության մասին իմանալով, նա պատասխանեց.

— Ես այդպիսի ճանապարհորդություններ շատ եմ կատարել։

Գաղտնի կերպով խանդելով, նա ուզում էր տպավորություն թողնել Արուսյակի վրա, որը, ինչպես ինքը գիտեր, սիրահարված էր Վարդանին։

— Ինչպե՞ս են երեխաներր։

Տղայի դեմքր մռայլվեց.

— Փոքրիկ Անուշը շատ հիվանդ է։ Նա ոչինչ չի ուզում ուտել և ջերմություն ունի։

— Հիմա կտեսնենք,— ասաց Վարդանը, ավանակի երասանը թփին կապելով։

Արամը նրան առաջնորդեց կամարաձև սրահով եկեղեցին, որի պատերը զարդարված էին հնությունից կիսով չափ ջնջված որմնանկարներով։ Գետինը ծածկող ձյան բարակ շերտի վրա հետքեր կային, որոնք տանում էին դեպի շինության խորքը, որը պետք է որ վերնատունը եղած լիներ։ Երկրորդ մութ սրահում, որից հավաբնի հոտ էր գալիս, Արամը մոմ վառեց։ Փոքր օջախի մոտ փայլեցին շուրջը հավաքված և միմյանց շատ մոտ նստած երեխաների ինը զույգ աչքերը։

Ցնցոտիներով մի աղջիկ, հազիվ երեք կամ չորս տարեկան, նետվեց նորեկների մոտ։ Նա բոբիկ էր։ Լացելով՝ նա դեմքր թաքցրեց Արուսյակի փեշի մեջ։ Կինը գրկեց նրան։

— Անուշ... Անուշ... մի լացիր, ես այստեղ եմ։

Գլուխն Արուսյակի ուսին դնելով, երեխան ուշադիր Վարդանին էր նայում լայն բացված աչքերով և դրանից նրա շագանակագույն ծիածանաթաղանթը շատ փոքր էր թվում մտահոգիչ կերպով դեղնած եղջրաթաղանթի վրա։ Վարդանը նկատեց նրա փոս ընկած այտերը, ցայտուն դարձած այտոսկրերը և բարակ ձեռքերն ու ոտքերը։ Նա հազաց խորը և խռպոտ հազով։ Վարդանը ժպտաց նրան, սակայն նա արագորեն դարձրեց գլուխը։

Մնացած երեխաները խմբվեցին նրանց շուրջը։ Նրանք, ովքեր արդեն մի քանի շաբաթ էր, ինչ ճանաչում էին Արուսյակին, իրենց ուրախությունն էին արտահայտում նյարդային ծիծաղով, կամ էլ խոսում էին նրա ուշադրությունը գրավելու համար։ Մնացած երեք երեխաները, որոնք եկել էին նախորդ շաբաթ, մի կողմ էին քաշվել և լռում էին, անվստահ հայացքներ գցելով։ Նրանք Արամին էին նայում, որին իրենք իրենց ավագ եղբայր կամ ղեկավար էին համարում, իմանալու համար, թե ինչպես իրենց պահեին։ Վարդանը ցնցվեց, մտածելով, որ այս երեխաների մանկությունը գողացել էին։ Սակայն նրանց աչքերից զգացվում էր, որ նրանք սիրո, վստահելու և խնամված լինելու կարիքն ունեին։

Արուսյակին երեխաների հետ թողնելով՝ Վարդանն ու Արամը գնացին ավանակին բեռնաթափելու։ Ուսին մի պարկ դնելով՝ Արամը թեթևակի քամահրանքով հարցրեց.

— Դուք թափառաշրջիկ երաժի՞շտ եք, ինձ այդպես են ասել։

Վարդանը չկարողացավ ժպիտը զսպել, կասկածելով, որ տղան այդ զբաղմունքը առնական չէր համարում։

— Նախկինում ես մայոր էի բանակում։

Արամը հիացական սուլոց արձակեց, ցույց տվեց գոտուց կախված դաշույնը և հայտարարեց զրնգուն ձայնով.

— Սա հորս հիշատակն է։ Մի քիչ էլ որ մեծանամ, ֆիդայի կդառնամ իմ ընտանիքի վրեժն առնելու համար։ Դուք ինձ կրակել կսովորեցնե՞ք։

— Այն, ինչ դու անում ես Արուսյակի հետ, ավելի կարևոր է, քան վրեժխնդրությունը, Արամ։ Եթե մարդ սպանես, ապա քո հարազատները չեն վերակենդանանա։

Տղան գերադասեց չպատասխանել և գնաց դեպի եկեղեցին։ Արուսյակր պարկերի մեջ դրեց այն ուտելիքը, որ մնացել էր անձավում, մի կաթսա և ամանեղեն։ Վարդանն ու Արամը բրդյա լաթերով փաթաթեցին այն երեխաների ոտքերը, որոնք կոշիկ չունեին։ Ցնցոտիները վատ էին պաշտպանում ցրտից, ուստի երեխաներր փաթաթվեցին գորշ ծածկոցների մեջ, որոնք նրանք ձեռքերով պետք է իրենց վրա պահեին։

Քամին չէր թուլացել ու ամպեր էին կիտվել։

— Ձյուն է գալու,— ասաց Արուսյակը, որը գրկել էր Անուշին։

Հիվանդ երեխան չուզեց, որ Վարդանը նրան ավանակի վրա նստեցներ։

— Մի պնդիր,— ասաց Արուսյակը։— Ես նրան կգրկեմ, իսկ երբ կհոգնեմ, դու նրան կվերցնես։

Վարդանը երկու ամենափոքր երեխաներին նստեցրեց ավանակի վրա։ Քարավանը կազմավորվեց։ Արամը վարում էր ավանակին և նրա համար արահետ էր բացում, նրանց էր հետևում Արուսյակը, որը ճանապարհն էր ցույց տափս, իսկ Վարդանը պարկերն ուսին հետնապահն էր։ Նրա դիմացից գնում էին գորշ փոքր էակներ, որոնք կռացել էին քամու դեմ պայքարելու համար։ Նրանք նման էին ծեր մրսկան կանանց՝ իրենց շալերի տակ։ Ծածկոցների արանքներից երևում էին ընթացքը չդանդաղեցնելու համար մանր արագ քայլով գնացող երեխաների կարճլիկ ոտքերը։

Երբ նրանք դուրս եկան Գորեմեի գոգից, քամին ավելի թույլ թվաց։ ճանապարհի առաջին ժամը արագ ռիթմով անցավ։ Նրանք դադար առան փլված կտրով փարախի դեռևս կանգուն պատի հետևում։ Բոլորը խմբվեցին միմյանց տաքացնելու համար։ Վարդանը ծիրանի չիր բաժանեց։

— Երբ տեղ հասնենք, մեծ խարույկ կվառենք,— ասաց Արուսյակը, որը, խմբի կենտրոնում կանգնած, շփում էր երեխաների ձեռքերն ու ականջները։— Ինչպե՞ս եք։ Բոլորդ կկարողանա՞ք շարունակել։

Լսվեցին «այո» բացականչություններ, և Վարդանը հիացավ այդ դողացող երեխաների համառությամբ։ Նրանք շարունակեցին ճանապարհը։ Վարդանը գրկել էը Անուշին։ Նա կիսաբաց էր արել իր վերարկուն և երեխային պարուրել էր դրանով, իսկ նրա ականջին օրորոցային էր երգում.

Քուն եղիր, բալաս, աչքերդ խուփ արա,

Նխշուն աչերուդ, քուն թող գա վրան...

Քիչ անց Անուշը դադարեց դողալուց։

Կամաց-կամաց նրանք կորցրեցին ժամանակի զգացողությունը։ Կար միայն այդ սպիտակ անսահմանությունը, որը չէր սպառվում քայլերից։ Հոգնած երեխաները քարշ էին տալիս ոտքերը, սակայն ոչ մեկը չէր բողոքում։ Այդուհանդերձ, անհրաժեշտ եղավ նրանց հանգստանալու հնարավորություն տալ։ Քիչ անց սկսեց ձյուն տեղալ։ Շատ թեթև բյուրեղներ էին, որոնք քամին քշում էր հորիզոնական ուղղությամբ և շպրտում էր ճանապարհորդների դեմքերին՝ ցավեցնելով մաշկը։ Առաջ շարժվելն ավելի դժվար էր դարձել։

Մի երեխա ընկավ։ Վարդանը կռացավ և փորձեց ոտքի կանգնեցնել նրան, սակայն վեց կամ յոթ տարեկան տղան հրաժարվում էր շարժվելուց և շշնջում էր, որ ինքն իրեն լավ էր զգում և ուզում էր քնել։ Անուշին Արուսյակին հանձնելով, Վարդանր գրկեց տղային, որն այլևս քայլելու ուժ չուներ։ Այս երեխան ավելի ծանր էր, և Վարդանր հոգնություն զգաց։ Նրա հագուստը թրջվել էր քրտինքից, իսկ սառնամանիքը այն քարացնում էր, քամուց շունչը կտրվում էր, սակայն այս փոքրիկը, որը կառչել էր իրեն, նույն քաշն ուներ, ինչ Թովմասը, և Վարդանն ինքն իրեն ասաց, որ եթե պետք լիներ, ինքն այդպես, երեխային գրկած կգնար մինչև աշխարհի ծայրը։ Օրն իր ավարտին էր մոտենում, ադամամութն էր ընկնում։

Արուսյակը ոգևորված ճիչ արձակեց.

— Մենք համարյա թե հասել ենք։ Ես տեսնում եմ մուտքը։

Առաջին սրահի քանդված լուսամուտներից քամի էր ներս խուժում։ Երեխաներից մի քանիսը գետնին նստեցին։

— Վեր կացեք,— ասաց Արուսյակը, որը լամպն էր վառում։— Այստեղ ցուրտ է։

— Որտե՞ղ ենք,— հարցրեց Վարդանը։

— Հին վանք է, որը մենք երբեմն օգտագործում ենք։ Ակսարայի ճանապարհը անցնում է դիմացի բլրի հակառակ կողմով։

Նա դանդաղ էր խոսում, կարծես դժվարանար բառեր գտնել, սակայն ժպտաց Վարդանին նրա թևը սեղմելով.

— Մեզ հաջողվեի։

Արամը, որը ծանոթ էր վայրին, ավանակին տարավ հարակից սենյակը։ Արուսյակը երեխաներին առաջնորդեց դեպի ժայռի մեջ փորված աստիճանները։ Մեկ հարկ իջնելով, նրանք հայտնվեցին խաչաձև հատակագիծ ունեցող մեծ քարանձավում, որի պատերը վերևում կամար էին կազմում։ Լամպի թույլ լույսի ներքո երևացին Քրիստոսի կյանքի դրվագներր ներկայացնող որմնանկարներ և սրբապատկերներ։ Բացառությամբ առաստաղի, ուր մրի շերտ էր երևում, որմնանկարների գույներն այնքան պայծառ էին, որ կարելի էր կարծել, թե դրանք նոր որմնանկարներ էին և ոչ թե ինը-տասը հարյուրամյակի վաղեմություն ունեին։ Լայնակի նավի երկու կողմերում բացվածքներ կային։ Դրանք ժայռի մեջ արված միջանցքներ էին։

— Իսկական ստորգետնյա քաղաք է,— բացատրեց Արուսյակը։— Հանկարծ չկորչեք։

Երեխաները լուռ էին ու շփոթված։ Վարդանը մտածեց, որ անհրաժեշտ էր նրանց հանել այդ ընկճված վիճակից և նրանց համար քիչ թե շատ հարմարավետ պայմաններ ստեղծել։ Իսկ հետո կզբաղվեին փոքրիկ Անուշով։

— Մենք այստեղ կքնենք,— ասաց Վարդանը՝ ցույց տալով վերնատան ծայրում գտնվող խորանը։— Հիմա խարույկ կվառենք և ճաշը կտաքացնենք։

Արուսյակը մտահոգ էր.

— Կրա՞կ։ Վտանգավոր չէ՞։ Մենք ճանապարհի մոտ ենք։

— Գիշերը ծուխը չի երևա։

— Մենք կխեղդվենք,— առարկեց Արամը խեղճացած տոնով։

Վարդանը ցույց տվեց մրի շրջանակը խորանի առաստաղին և սևացած փոքր գոգավորությունը հատակին։

— Այստեղ արդեն կրակ վառել են։ Նայիր առաստաղի թեքությանը. ծուխը դուրս կգա աստիճանավանդակով։

Արամը զարմացավ, որ նախորդ այցելությունների ժամանակ ինքը չէր նկատել այդ մանրամասները և ներքուստ հիացավ Վարդանով, որն այդ ամենը նկատել էր առաջին հայացքից։ Նա ուզում էր նույնպես իր աչքաբացությունը ընդգծել.

— Նոր մենք անցանք գետնին տապալված բարդու մոտով։

— Գնանք և դրա ճյուղերը կտրենք,— ասաց Վարդանը ձեռքը նրա ուսին դնելով։

— Կարո՞ղ եմ ձեզ հետ գալ,— հարցրեց մոտ տասը տարեկան մի տղա։

Նա դիմում էր Արամին, որին համարում էր իր ղեկավարը։ Հրաժարվելով մինչ այդ իր բանեցրած իշխանությունից, Արամը հարցական հայացք նետեց Վարդանի վրա։

— Դու ուժեղ ես,— պատասխանեց Վարդանը, գլխով անելով։— Արի, անունդ ի՞նչ է։

— Արտո։

Արուսյակը ջերմ նայեց հեռացողների հետևից, հետո ծափ տվեց՝ մնացողների ուշադրությունը իր կողմը գրավելու համար.

— Եվս մեկ փոքր ջանք։ Մենք հիմա մահճակալները կպատրաստենք։

Մութն արդեն ընկել էր, և ավելի ցուրտ էր։ Վարդանն ու նրա երկու օգնականները հետևում էին իրենց թողած հետքերին, որը ձյունը կամաց-կամաց ծածկում էր։ Հինգ րոպեից նրանք հայտնաբերեցին քամուց տապալված ծառը։ Արամի դաշույնը պետք չեկավ, քանի որ ցրտից սառած ճյուղերը հեշտությամբ էին կոտրվում։ Նրանք չորս անգամ քարանձավ ճյուղեր տարան և մի քանի օրվա վառելիք հավաքեցին։ Վերադարձի ճանապարհին Վարդանը տղաներին ցույց տվեց, թե ինչպես կարելի էր ճյուղերով հարթեցնել այն հետքերը, որ իրենք թողել էին ձյան վրա։ Մնացածը կաներ քամին։

Ծածկոցները փռված էին խորանում, և երեխաներից շատերը պառկած էին։ Արուսյակը ջուր էր բերել ներքևի հարկի սանդուղքի տակ դրված ամանից և պատի տակ էր շարում մթերքը։ Արթուն երեխաներին Վարդանը բացատրում էր, թե ինչպես են խարույկ վառում։ Նա հանում էր ճյուղերի խոնավ կեղևը, ճյուղերը կոտրում էր և տաշեղ էր դարձնում։ Երբ մի խուրձ չոր խոտը վառվեց, կրակը թուլացավ և քիչ էր մնում հանգչեր, հատկապես որ խոշոր ճյուղերից ջուր էր հոսում։ Սակայն կրակը հաղթեց, և շուտով խարույկն ուրախ ճարճատում էր ու լուսավորում խորանը։ Նավթը խնայելու համար Արուսյակը լամպը հանգցրեց։ Նրանք եռոտանի սարքեցին ամուր ճյուղերից և կրակի վրա կախեցին ջրով լի կաթսան։

Ապա արթնացրեցին քնած երեխաներին և բոլորին նստեցրեցին կրակի շուրջը։ Տղաները բնազդաբար խմբվել էին Վարդանի շուրջը, իսկ աղջիկները՝ Արուսյակի։ Ջերմությունն աստիճանաբար պարուրեց երեխաների մարմինները, նրանց մկանները թուլացան, իսկ աչքերը կյանքով լցվեցին։ Վարդանը խարույկից բարձրացող ծխի միջով Արուսյակին նայեց, որը սոխ էր կարտում և կարոֆիլ էր մաքրում։ Նրանք սիրահարված հայացք փոխանակեցին։ Անուշը պառկած էր իր ութը տարեկան քրոջ՝ Գյուլինարի գրկում և, բորբոքված աչքերով հետևելով Արուսյակին, անդադար հազում էր։

— Իսկ եկեղեցում կարելի՞ է խարույկ վառել,— հարցրեց մի տղա՝ մատով ցույց տալով որմնանկարները, որոնց վրա պարում էին իրենց ստվերները։

— Այո,— պատասխանեց Վարդանը,— քանի որ այս եկեղեցին շատ վաղ շրջանից չի ծառայում որպես այդպիսին։

— Աստված այլևս այստեղ չի՞ բնակվում։

— Նա ապրում է ամենուր, նույնիսկ մեզնից յուրաքանչյուրի մեջ։

Մի աղջնակ լուրջ տեսքով ասաց.

— Զարմանալի է, բայց մենք դա չենք զգում։

Մեծերը ծիծաղեցին և նրանց հետևեցին փոքրերը, որոնք, այդուհանդերձ, չէին հասկանում այդ ուրախության պատճառը։ Արուսյակը ոչխարի միսը կտրտում և գցում էր կաթսայի մեջ եռացող բլղուրով ջրի մեջ։ Նա գիտակցում էր, որ երեխաները, որոնք շաբաթներ շարունակ մենակ էին ապրել, մեծերի հետ շփվելու կարիք ունեին, և Վարդանին հարց տվեց, որի պատասխանն ինքը գիտեր.

— Իսկ ինչո՞ւ են մարդիկ ժայռի մեջ փորել այս եկեղեցին։

Երիտասարդ կնոջ աչքերր պերճախոս էին, և Վարդանը դիմեց երեխաներին.

— Թշնամիներից պաշտպանվելու համար։ Այդ ժամանակաշրջանում թալանչիների հրոսակներր հարձակվել էին շրջանի վրա։ Մարդիկ փախչում էին իրենց ստորգետնյա քաղաքները, մուտքը փակում էին ժայռաբեկորներով և հանգիստ ապրում էին այստեղ։ Նրանք եկեղեցիներ ունեին, խանութներ, կացարաններ և, անկասկած, դպրոցներ։

Նա նրանց մանրամասնորեն պատմեց Կապադովկիայի առաջին քրիստոնյաների, որմնանկարները նկարելու տեխնիկայի, նույնիսկ քարի մասին, որ ժամանակին ժայթքել էր հրաբուխների խառնարաններից։ Նրանք լուռ լսում էին՝ գերվելով այդ հին պատմություններով, որոնք այնքան նման չէին իրենց գոյությանը, որի գերագույն նպատակն ամիսներ շարունակ վերապրելն էր։ Վարդանը նրանց աչքերում գիտելիքի ծարավ տեսավ, նույն ծարավը, որ տեսել էր Հալեպի որբանոցի սաների աչքերում, և դա ջերմացրեց նրա հոգին։ Երբ նա լռեց, Արուսյակը մի երգ երգեց, որը նրանցից շատերը լսել էին և որի բառերը ոմանք գիտեին։ Հետո մի տղա, որին երգն իր մորը հիշեցրեց, հարցրեց վախվորած.

— Որբանոցն ի՞նչ է։

Առանց նրան խնայելու Արամը թունոտ պատասխանեց.

— Ծնողներին կորցրած երեխաներին պահելու վայր։

Տղայի աչքերն արցունքով լցվեցին։ Ուղիղ կտրած մազերով նրա ձվաձև դեմքը կաղինի էր նմանվում։

— Որբանոցը,— ուղղեց Վարդանը,— տուն է, ուր երեխաները սիրված և հարգված են։ Նրանք մահճակալներում են քնում և կուշտ ուտում են, նրանք սովորում են և նախապատրաստում են իրենց ապագան։

Նա նկարագրեց այն որբանոցը, որն ինքն այցելել էր Հալեպում, և պատասխանեց հարցերի տարափին, որ նրա վրա տեղացին երեխաները։ Այդ վայրը, ուր իրենք այլևս սոված չէին լինելու, չէին մրսելու և չէին վախենալու, նրանց դրախտ թվաց։ Գյուլինարը, որն օրորում էր իր կրտսեր քրոջը, խոսեց.

— Իսկ ձեր ծնողներն արդեն մահացե՞լ են։

— Այո, շատ վաղուց։ Սակայն ես որդի ունեմ՝ Թովմաս, որը ձեր տարիքին է և որի մասին ես ոչինչ չգիտեմ շուրջ երկու տարի։ Կուզենայի հավատալ, որ նա որբանոցում է, ուր նրանով զբաղվում են։

Երեխաները նկատեցին Վարդանի հուզմունքը, և ծանր լռություն տիրեց։ Մթնոլորտի լարումը պարպելու համար Արուսյակն ուրախ ասաց.

— Ճաշում ենք։

Նա կրակից վերցրեց կաթսան, որն ախորժալի բուրմունք էր տարածում։ Քանի որ ընղամենը երկու թաս և չորս բաժակ ունեին, ապա սկզբում փոքրերին կերակրեցին։ Յուրաքանչյուրը ինքն էր ախորժալի ապուրը լցնում իր համար, իսկ Արուսյակը հետևում էր, որ ամեն մեկն իր բաժինը ստանար։ Ամենամեծ երեխաները և երկու մեծահասակները իրար մեջ բաժանեցին մնացած ապուրը։ Բոլորի տրամադրությունը բարձր էր և երբ երեխաներից մեկը հանկարծակի գխտաց, լիաթոք ծիծաղեցին։ Արուսյակն Անուշին գիրկն էր վերցրել և գդալով կերակրում էր նրան։ Երեխան դժվարությամբ էր կուլ տալիս և խեղդվում էր հազի նոպաներից։ Արուսյակը աղերսող հայացքով նայեց Վարդանին։ Վարդանը պատասխանեց.

— Հիմա կնայենք։

Արամը բաշխում էր քնելու տեղերը, և դա ընթանում էր ոչ առանց բողոքների, քանի որ ոմանք ուզում էին իրար կողքի պառկել, ոմանք ուզում էին կրակին ավելի մոտ լինել, ոմանք էլ մութ խորանից հեռու։ Մի կողմ քաշված՝ Վարդանը քննում էր Անուշին, որին գրկել էր Արուսյակը։ Շապիկը բարձրացնելով, նա ականջը դրեց երեխայի դուրս ցցված կոդերին՝ թոքերը լսելու համար։ Նա չոր խզզոցներ լսեց, որոնք ոչ մի լավ բան չէին կանխագուշակում, իսկ երբ երեխան խորն էր շնչում, գլգլոց էր լսվում, կարծես թոքը ջրով լցված լիներ։ Պլևրի՞տ։ Թոքաբո՞րբ։ Վարդանը հաստատ չգիտեր։ Երբ երեխային հարցրեց, թե նրա որ տեղն էր ցավում, նա ցույց տվեց գլուխը, կոկորդը և կրծքավանդակը։ Վարդանը շոյեց երեխայի այտը և ժպտալով ասաց, որ նա կլավանա։

Արուսյակին չխաբեց նրա առերես լավատեսությունը, սակայն կինը գերադասեց սպասել, որ իրենք մենակ մնային, նրա իրական կարծիքն իմանալու համար։ Նա երեխային հանձնեց ավագ քրոջը։

Խորանում ջերմաստիճանր նորմալ էր, քանի որ կամարաձև պատերը հետ էին մղում տաք օդը։ Ծածկոցների մեջ փաթաթված երեխաները արդեն քնում էին։ Արամը իր և երկու մեծահասակների համար տեղ էր պահել խորանի մուտքի մոտ՝ մտածելով, որ իրենց մարմինները կպաշտպանեին երեխաներին ցրտից և մթից։

— Մենք հիմա կաղոթենք,— ասաց Արուսյակը բարձր ձայնով։— Աղոթենք բացակաների համար, փառք տանք Աստծուն, որ սոված չենք, և խնդրենք, որ նա մեզ պահապան լինի։

Նա սկսեց «Հայր մեր»–ը երգել։ Շուտով նրան միացան երեխաների նուրբ ձայները և Վարդանի տենորը։

— Մենք խոսելիք ունենք,— ասաց Արուսյակն Արամին, որը պառկում էր։– Մենք երկար չենք բացակայի։

— Բարի գիշեր,— ասաց տղան, որի աչքերը փակվում էին։

Առանց լամպը վերցնելու, նրանք գնացին երկայնակի նավի աջ թևը դուրս եկող միջանցքով։ Շատ շուտով խարույկի լույսը կորավ, և լիակատար մթության մեջ նրանք առաջ էին շարժվում պատերից բռնվելով։

— Ես լավ եմ ճանաչում այս վայրը,— շշնջաց Արուսյակը, որն առջևից էր գնում։— Մենք մեկ այլ սրահ դուրս կգանք։

Հանկարծ պատն ընդհատվեց։ Վարդանն իր հրահանը վառեց, որի լույսի ներքո երևացին Արուսյակի փայլուն աչքերը, իսկ նրա հետևում որմնանկարի սրբի խամրած աչքերը։ Երբ հրահանը մարեց, մթությունն էլ ավելի անթափանց թվաց։ Արուսյակի ձեռքն իջավ Վարդանի ուսին։

— Ինձ ճշմարտությունն ասա։ Անո՞ւշը։

— Նրան պետք է բժիշկը քննի։

Այդ խոսքերին լացակումած մի հառաչ հետևեց։

— Ես գիտեմ, որ դա անհնար է,— շարունակեց Վարդանը տխուր ձայնով։— Եվ բացի դրանից, դա օգուտ չի տա։

— Ինչո՞վ է նա հիվանդ։

— Կարծում եմ, որ թոքաբորբ է։ Հաշվի առնելով նրա վատ ֆիզիկական վիճակը, նա բուժվելու չնչին հնարավորություններ ունի։

Արուսյակը փարվեց Վարդանին։ Վարդանը գրկեց նրան և շոյեց արցունքներից թրջված նրա դեմքը։

— Մենք ոչինչ չենք կարող անել։ Միայն աղոթել։

— Իսկ եթե նրան տանեմ իմ տո՞ւնը։

— Ուշ է։

Կծկվելով Վարդանի գրկում՝ նա լաց էր լինում, իսկ Վարդանը շոյում էր նրա մազերը։ Երբ նա հանգստացավ, շշնջաց.

— Ես միայն Անուշի համար չեմ լացում... Շատ դժվար է, Վարդան, ամեն անգամ ավելի դժվար է լինում նրանցից բաժանվել։ Եթե նույնիսկ ընդամենը մի քանի անգամ եմ նրանց տեսնում, ես կապվում եմ նրանց։ Դու զգացիր, թե նրանք որքան կարիք ունեն սիրո։ Ես չեմ կարողանում ինձ համոզել։ Կուզենայի բոլորին ինձ մոտ պահել, սիրել նրանց, երջանկություն պարգևել։

— Ես հասկանում եմ։ Սակայն դու ինքդ քեզ պետք է համոզես, որ այսպես վարվելով դու տասնյակ երեխաների հնարավորություն ես տալիս նոր կյանք սկսելու։

Նա նորից զգաց Վարդանից երեխա ունենալու ցանկությունը, սակայն ինչպես և ուրիշ անգամներ, չհամարձակվեց այդ ցանկությունն արտահայտել։ Մի փոքրիկ տղա, որը կունենար իր հոր գայթակղիչ աչքերը, կամ էլ մի փոքրիկ աղջիկ, որի մեջ ինքն իրեն կճանաչեր։ Նա գլուխը ձգեց և խավարի մեջ փնտրեց տղամարդու շուրթերը, գտավ և ինքնամոռաց համբուրեց։

Արամն առաջինն արթնացավ, թեժացրեց ածուխները, որոնք դեռ տաք էին մոխրի տակ, փայտ գցեց օջախը և առանց աղմկելու հեռացավ։ Նա ջուր հավաքեց և վերև տարավ ավանակին տալու համար։ Լույսը բացվել էր, արևը փայլում էր ձնածածկ բնապատկերի վրա, իսկ մի ագռավ կռռալով անցնում էր երկնքով։ Երկու տարի ընդհատակում ապրելու ընթացքում ձեռք բերած զգուշավորությամբ նա դուրս եկավ, ուշադիր զննեց նեղ հովիտը և հորիզոնը փակող բլուրը։ Ոչինչ չէր շարժվում։ Նա վար իջավ։

Վարդանն օջախին ջուր էր տաքացնում։

— Բարև, Արամ։ Լա՞վ ես քնել։

— Սատկած էշի պես։ Տաք է, և ամպերը ցրվել են։ Մեթյուզ քահանան միգուցե այսօր էլ գա։

Արթնանալուն պես Արուսյակը շտապեց Անուշի անկողնու մոտ։ Նա երեխային վերցրեց քրոջ գրկից, որը դեռևս քնած էր, և նրան կրակի մոտ տարավ Վարդանին ցույց տալու համար։

— Նայիր նրա կարմիր այտերին,— բացականչեց նա ուրախ ձայնով։— Դա լավ նշան է։

Վարդանը ձեռք տվեց Անուշի ճակատին։ Ջերմությունը բարձրացել էր։ Նրա անկանոն շնչառությունը և թոքերի խզզոցներն ավելի նկատելի էին։ Նա ասաց մտահոգ ձայնով.

— Դժբախտաբար այդ կարմրությունը հաստատում է, որ թոքաբորբով է հիվանդ։ Սա նույնպես։

Նա ցույց տվեց աղջկա վզի և շապիկի վրա չորացած խորխի հետքերը, որոնք ժանգի գույն ունեին։ Արուսյակը սարսափելով դարձրեց գլուխր և սեղմեց ատամները։ Վարդանը շոշափեց փոքրիկ հիվանդի մեջքր և նկատեց, որ երեխայի ողնաշարն ու վիզը լարված էին։ Դրանք արդեն մենինգիտի ախտանիշներ էին։ Անուշը բացեց աչքերը։

— Գլուխդ ցավո՞ւմ է։

Երեխան գլխով արեց։

— Ավելի՞, քան երեկ։

Դարձյալ երեխան գլխով այո արեց։ Թույլ հազալով՝ նա Վարդանին էր նայում իր սառած աչքերով, և նա հասկացավ, որ երեխան դադարել էր պայքարելուց և որ նա անձնատուր էր լինում հիվանդությանը։ Նրան խաբելն անիմաստ էր, նա բնազդաբար զգում էր, որ ինքը չէր ապաքինվելու և որ կյանքը մարում էր իր մարմնում։ Վարդանը փորձեց աչքերով արտահայտել այն գորովը, որ փոքրիկն իրեն ներշնչում էր, և երեխան կարծես զգաց դա, որովհետև նա ձեռքը մեկնեց դեպի Վարդանի մորուքը։ Վերջինս համբուրեց նրա ոսկրոտ ձեռքերը, և նա նրան գեղեցիկ թվաց՝ չնայած իր նիհարությանր և աչքերի տակի կապտուկներին։ Այտերի կարմրությունը նրա դիմագծերին կենսունակության պատրանք էր հաղորդում, որից նրա մարմինը արդեն զուրկ էր։ Վարդանր լուռ կատաղություն էր զգում նրան օգնելու անկարողությունից և որպեսզի երեխան չզգար իր հոգեվիճակը, դարձավ դեպի Արամը, որը նստած էր կրակի կողքը.

— Ջուրը եռո՞ւմ է։

Արուսյակը տեսավ Վարդանի ու Անուշի միջև տեղի ունեցած լուռ երկխոսությունը և հասկացավ դրա իմաստը։ Այդ երեխան, որին ինքն իր կրծքին էր սեղմում, մեռնելու էր։ Նա սկսեց լուռ աղոթել։

Վարդանը թուրմ սարքեց և Արուսյակը փորձեց այն խմեցնել Անուշին։ Թուրմը երեխայի կատիկը թռավ և նա հետ տվեց։

— Նա դողում է,— ասաց Արուսյակը։

Վիճակն ավելի բարդ էր։ Երեխան ջղաձգվում էր։

— Պառկեցրու նրան և մոտը մնա։ Մնացածներով ես կզբաղվեմ։

Վարդանը բլղուր պատրաստեց և կերակրեց երեխաներին։ Հետո նրանց տարավ դեպի դուրս նայող սրահը, որպեսզի մաքուր օդ շնչեին։ Գյուլինարը հրաժարվեց նրանց հետևել՝ չցանկանալով բաժանվել հիվանդ քրոջից։

— Հարկավոր է սրանց զբաղեցնել,— ասաց Վարդանն Արամին։

Տղան խաղ կազմակերպեց, և նրանք աչքակապուկ խաղացին, որից նույնիսկ Արամը հաճույք ստացավ։ Վարդանը նույնպես մասնակցեց խաղերին, և երբ երեխաները հոգնեցին, նա նրանց հանելուկներ էր ասում և շուտասելուկներ էր սովորեցնում։ Կեսօրից հետո Անուշն անշարժացավ։ Հիվանդությունն ավելի արագ էր զարգանում, քան կանխատեսել էր Վարդանը։ Արուսյակը նստած էր հոգեվարքի մեջ գտնվող փոքրիկի կողքին ողբացող Գյալինարի հետ միասին։

Այդ երեկո, երբ բոլորն արդեն քնել էին, Վարդանն արթնացրեց Արամին։

— Ոչ մի խոսք։ Ինձ հետևիր։

Տղան լուռ ենթարկվեց։ Երբ աստիճաններին էին հասել, Վարդանը լամպը վառեց, և նրանք իջան ստորգետնյա քաղաքի ամենաստորին հարկը։

— Ի՞նչ է պատահել, պարոն։

— Փոքրիկը մեռնում է։ Մենք պետք է փոս փորենք։

Նրա ձայնը մռայլ էր, և դա զարմացրեց Արամին։ Արամր չէր հասկանում, թե ինչպես նրա պես մարդը կարող էր ազդվել գրեթե անծանոթ երեխայի մահից։ Վարդանը սեղմեց նրա ուսը։

— Իսկական տղամարդը, Արամ, զգացմունքներ ունեցող մարդն է։ Կարեկցանք, խղճահարություն, բարեկամություն, սեր... Այն մարդը, որին ոչինչ չի հուզում, հրեշ է դառնում, լավագույն դեպքում անասուն։ Այնպիսին, ինչպիսիք են քո կարծիքով քո թշնամիները։ Երբեք այս բանը չմոռանաս։

Հետևելով Վարդանին, որը զննում էր սրահները հարմար տեղ գտնելու համար, Արամը մտածում էր այն խոսքերի մասին, որ նոր լսել էր։ Նա զգում էր, թե ինչպես էր հալչում դառնության անտարբերությունը, որ ինքը կռել էր երկու տարիների ընթացքում, և վախենում էր, որ ամեն ինչ ավելի դժվար կլիներ իր համար։

Վարդանն ընտրեց երկար միջանցքի վերջում գտնվող անձավը։ Դանակի ծայրով նա գետնին փոքր ուղղանկյունի գծեց, որը մի քիչ ավելի մեծ էր, քան Անուշի հասակը, և սկսեց հողը փորել՝ օգտագործելով դանակի շեղբը։ Արամը չէր շարժվում։

— Դու չե՞ս փորում։

— Ինչո՞վ։

— Քո դաշույնով։

Տղան սարսափեց։ Իր հոր զենքո՛վ։

— Քարը փափուկ է և տաշվում է, ինչպես հացը։ Իսկ հետո ես շեղբը կսրեմ։

Արամը, դժկամությամբ, գործի անցավ։

— Իմացիր, որ սիրած մարդուն թաղելն ավելի դժվար է, քան թշնամուն սպանելը։

— Դուք որևէ մեկին սպանե՞լ եք, պարոն։

— Փառք Աստծու ես երբեք առիթ չեմ ունեցել։

— Ես չէի վարանի։ Ես կոչնչացնեմ բոլոր մարդասպաններին։

— Ինքդ մարդասպան դառնալո՞վ։

— Արդարությունր վերականգնող դառնալով։ Դա ուրիշ բան է։

— Այն ոստիկանները, որոնք այդքան հայերի են սպանել, նրանք էլ կարծում էին, որ ճիշտ էին վարվում։

Արամը չպատասխանեց և սկսեց ուժգին հարվածել քարին։ Նա կամաց-կամաց տաքացավ և հանեց իր գործած բաճկոնը։

— Դու որտեղի՞ց ես,— հարցրեց Վարդանը։

— Դեմերեկի մոտակայքից։

Առանց Վարդանի հարցերին սպասելու, նա հատու նախադասություններով պատմեց իր պատմությունը։ Ոստիկանները նրան տարել էին գյուղի բոլոր տղամարդկանց հետ, որոնց թվում էին նրա եղբայրները, հայրը և հորեղբայրները։ Երբ նրանք սարերն էին բարձրացել, ոստիկաններր բոլորին հավաքել էին մի ժայռի տակ գնդակահարելու։ Երբ սկսել էին կրակել, հայրը նրան գետնին էր գցել, իսկ ինքն էլ ընկել էր վրան։ Նա միակն էր, որ ողջ էր մնացել և, հոր արնով շաղախված, սպասել էր մինչև գիշեր փախչելու համար։ Առավոտյան հասել էր իրենց գյուղի մոտակայքը և տեսել էր, որ կանանց ու երեխաներին քշել էին։ Հարևան գյուղերի բնակիչները թալանում էին այն, ինչ ոստիկանները չէին կարողացել տանել, իսկ ոմանք էլ իրենց ընտանիքներով տեղափոխվում էին դատարկված տները։

Նա փախել էր սարերը, ուր նա սնվել էր վայրի մրգերով և նրանով, ինչ կարողացել էր փախցնել ագարակներից։ Ձմռանը նա մուրում էր գյուղերում։ Մեկ այլ տղա իր քրոջ հետ միացել էին նրան։ Ի վերջո, հասել էին Կապադովկիա, ուր նրանք աշխատում էին իրենց թաքցնող հույների դաշտերում։ Այդ ժամանակ էր, որ Արամը ծանոթացել էր Քերիմի և Արուսյակի հետ։ Եվ այդ ժամանակից նա նրանց օգնում էր հայտնաբերելու հայ որբերին, նրանց միսիոներներին հանձնելու համար։

Վարդանը շոյեց նրա գլուխը.

— Քո հայրը հպարտ կլիներ քեզնով։

Արամը գլուխը դարձրեց, որպեսզի Վարդանը չտեսներ իր աչքերին հայտնված արցունքները։ Նրանք փորեցին այնքան, մինչև փոսը մեկ մետր խորության հասավ։ Փոսի մոտ հավաքված խճով նրանք կծածկեին մարմինը։

Վերադառնալով եկեղեցի, Վարդանը մոտեցավ Արուսյակի անկողնուն։ Նա քնած չէր։ Կողքի վրա պառկած, գլուխը ծալված թևին դրած, նա հսկում էր Անուշի քունը։ Վարդանին թվաց, որ երեխայի զարկերակը շատ թույլ էր, շնչառությունը գրեթե աննկատ։ Նա, անկասկած, կոմայի մեջ էր։

— Դու պետք է փորձես հանգստանալ,— շշնջաց Վարդանն Արուսյակի ականջին։— Ես նրան կհետևեմ։

Նա նստեց և որոշ ժամանակ ձեռքը պահեց երիտասարդ կնոջ գլխին, սակայն քունը տարավ և նա պառկեց։ Մի քանի ժամ անց Արուսյակն արթնացավ.

— Վարդան,— շշնջաց նա,— Վարդան։

Արուսյակի դողդոջուն ձայնից և նրա այլայլված դեմքից Վարդանր հասկացավ, որ Անուշը մահացել էր։ Նրանք երեխայի մարմինը խորանը տարան։ Արուսյակը հանեց երեխայի շորերը և լվաց նրա մարմինը։ Նա զգուշորեն լվանում էր մաշկը, և նրա շարժումների մեջ այնքան ջերմություն և սեր կար, կարծես իր հարազատ երեխան լիներ։ Նրա արցունքները ցամաքել էին։

— Կարծես հրեշտակ լինի։

Մի ճիչ նրան ստիպեց վեր թռնել։

— Անու՜շ։ Անու՜շ։

Գյուլինարը վատ երազ էր տեսել և արթնացել ու հիմա քրոջն էր փնտրում։

— Նրան այստեղ բեր,— խնդրեց Արուսյակը Վարդանին։

Աղջիկը լաց եղավ՝ նետվելով դիակի վրա, և այն համբույրներով ծածկեց։ Գյուլինարը կորցրել էր անցյալի, իր մորթված ընտանիքի հետ իրեն կապող վերջին թելը և այսուհետ նա միայնակ էր աշխարհում։ Արուսյակն ու Վարդանր նրան հնարավորություն տվեցին արտահայտելու իր վիշտը, հետո երիտասարդ կինը նրան իր գիրկն առավ մխիթարելու համար.

— Մի լացիր, Անուշը դրախտում է։ Այսուհետ նա հոգ կտանի քո մասին։

— Հիշիր, թե ինչպես էր նա տանջվում,— ասաց Վարդանը։— Հիմա նա երջանիկ է։

Արուսյակը գրկից թողեց աղջկան.

— Հիմա մենք նրան կհագցնենք։

Գյուլինարը զսպեց լացը և օգնեց Արուսյակին։ Նրա ականջին հնչեցին մոր բառերը, որոնք նա ասել էր, երբ ոստիկանները տանում էին նրան. «Գյուլինար, հոգ տար Անուշի մասին։ Ես քեզ սիրում եմ»։ Նա սրբեց աչքերը և խաչեց Անուշի ձեռքերը։ Վարդանը մարմինը դրեց մաքուր ծածկոցի վրա և փաթաթեց երեխային, բաց թողնելով միայն դեմքը։ Նրանք երեքով ծնկի իջան աղոթելու համար։ Հետո նստեցին հանգուցյալի մոտ։ Վարդանն ու Արուսյակը նստած էին Գյուլինարի կողքին և ձեռք ձեռքի էին տվել իրենց հուզմունքը կիսելու համար։

— Նա գեղեցիկ է,— ասաց Գյուփնարը։— Կարծես քնած լինի։

Նա մի պահ լռեց, հետո երազկոտ ձայնով ասաց.

— Անուշը երբեք չէր տրտնջում։ Հիվանդությունից առաջ նա շատ էր ծիծաղում։ Երբ մենք ագարակապանի մոտ էինք ապրում, նա ինձ օգնում էր խոհանոցում... հավերին խնամելիս... պարտեզը ջրելիս։

Դեռ երկար ժամանակ նա պատմում էր քրոջ մասին, ոչ այնքան երկու մեծահասակների, որքան իր համար։ Նրանք այդպես նստած մնացին մինչև լուսաբաց։

Իմանալով իրենց ընկերուհու մահվան մասին, երեխաները տարբեր ձևով իրենց պահեցին։ Շատերը լաց եղան, ոմանք զսպություն ցուցաբերեցին, միգուցե թաքուն թեթևություն զգալով, որ մահն իրենց կողքով էր անցել։ Վարդանը երեխայի մարմինը տարավ այն սրահը, ուր նրանք գերեզման էին փորել։ Արամը քայլում էր նրա առջևից լամպով լուսավորելով ճանապարհը, իսկ մնացածները հետևում էին Վարդանին։ Քանի որ մեռոն չկար, նրանք ծիսական լվացումները ջրով արեցին։ Խաչի նշաններ արեցին մահացած աղջկա ճակատին, ձեռքերին և ոտքերին, իսկ Արուսյակն աղոթեց։ Երբ ծածկոցի մեջ փաթաթած մարմինը դրեցին փոսի մեջ, Գյուլինարը չկարողացավ զսպել իր վիշտը և սկսեց բարձրաձայն ողբալ։ Արուսյակը նրան հետ տարավ եկեղեցի։

Մնացած երեխաները, ձեռք ձեռքի տված նայում էին քարե գերեզմանում պառկած գորշ մարմնին և չէին կարողանում աչքերը հեռացնել այն էակից, որն անհայտանում էր առհավետ։

Անհրաժեշտ էր իմաստավորել այդ մահը։ Վարդանը սկսեց խոսել հանպատրաստից.

— Տեր ամենակարող Աստված, մենք հավաքվել ենք այստեղ, քո առջև, որպեսզի Քեզ հանձնենք մեր քրոջը՝ Անուշին։ Վերցրու նրան Քո հովանու տակ, որպեսզի նա ապրի հավերժ, հրեշտակ լինի քո հրեշտակների շարքում։ Իսկ դու, Անուշ, որ երջանիկ ես, քանի որ միացել ես քո ծնողներին, դու, որ այլևս երբեք չես տառապի սովից, ծարավից, ցրտից, այլ անսահման երջանիկ կլինես, միջնորդիր Քրիստոսի առջև, որ մենք վայելենք խաղաղություն, հրճվանք ու սեր։ Ամեն։

Նա մի բուռ խիճ լցրեց փոսի մեջ, իսկ երեխաները հետևեցին նրա օրինակին։ Երբ փոսը լցվեց, նա պատին արձանագրություն փորագրեց իր դաշույնով և ասաց.

— Մենք բոլորս կորցրել ենք մեր սիրած էակներին։ Մենք չպետք է թույլ տանք, որ նրանց հիշատակը մարի մեր հոգում։ Մենք պետք է ապրենք, երկար ապրենք, քանի որ մահացածներն ապրում են մեր միջոցով։ Երբեք չմոռանաք փոքրիկ Անուշին։ Երբ դուք հուսահատվեք, մտածեք նրա մասին, որր չունեցավ արևը նորից տեսնելու ձեր երջանկությունը։

Տապանագիրը հետևյալն էր. «Անուշ Մակարյան։ Տիրոջ հրեշտակ, 1913-1917»։ Վարդանն ինքնակամ կերպով մոտավոր տարեթիվ էր գրել, որը կհամապատասխաներ փոքրիկի տարիքին։ Վերև բարձրանալուց առաջ երեխաներից շատերը մատով հպվեցին փորագրված տառերին, կարծես հիշողության մեջ դրանք վառ պահելու համար։

Երբ Վարդանը եկեղեցի եկավ, Արուսյակի հետ մի տղամարդ կար, որը կռացել էր Գյալինարի վրա և խոսում էր նրա հետ։

— Մեթյուզ քահանան է,— ասաց Արամը։

Քահանան մոտ վաթսուն տարեկան տղամարդ էր, բարձրահասակ և հավանաբար նիհար, քանի որ վերարկուն շատ լայն էր վրան։ Մորթե գլխարկի եզրերը բոլորում էին նրա շատ բաց հոնքերով վարդագույն դեմքը։ Նուրբ գծագրություն ունեցող նրա շրթունքները կարծես ժպտային, իսկ մոխրագույն աչքերը շատ բարի էին։ Արուսյակը նրան նախ ներկայացրեց երեխաներին, հետո նրան մենակ թողեց Վարդանի հետ, իսկ ինքը զբաղվեց երեխաներին ճամփորդությանը նախապատրաստելով։

Վարդանի ձեռքր սեղմելուց հետո միսիոները այլևս նրա թևը բաց չթողեց և նրան տարավ եկեղեցու խորքը։

— Պարոն Պալյան, շատ ուրախ եմ վերջապես ձեզ հանդիպելու համար։

—– Ես նույնպես, պարոն Մեթյուզ։

— Ափսոս, որ մենք չհանդիպեցինք Հալեպում։

— Ես էլ եմ ափսոսում։ Ձեզ համար թե՞յ պատրաստեմ։

— Մի անհանգստացեք։ Կառքում թերմոս կա։ Ես պետք է անհապաղ մեկնեմ։ Ցավոք, մենք հնարավորություն չենք ունենա իրար լավ ճանաչելու։

Վարդանին դա տխրեցրեց, քանի որ հենց սկզբից նրանց միջև համակրանքի զգացում էր ծագել։ Եվ դա զարմանալի չէր, քանի որ, Արուսյակի կարծիքով, իրենք շատ նման էին բնավորությամբ։

— Մենք այլ հնարավորություններ էլ կունենանք, պարոն քահանա։

— Անկասկած, կամ այստեղ, կամ Հալեպում։ Կինս ասաց, որ դուք մտադիր եք շարունակելու ձեր հյուրախաղերր դերվիշների նվագախմբի հետ։

— Ես այնքան կուզենայի ավելի օգտակար լինել։

Քահանան զգաց Վարդանի անբավարարվւսծությունը և հակաճառեց.

— Ձեր արածն արդեն իսկ նշանակալից է։ Ձեր հոդվածները օգնում են արտասահմանում մարդկանց խիղճն արթնացնելուն։ Ավելին, ձեր հաղորդած տեղեկությունների շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել որբերին։ Ի դեպ, ես տեղեկություններ ունեմ Նաիրիի՝ այն աղջկա մասին, որին դուք հանդիպել էիք Ադանայում։ Նա այժմ Բեյրութում է ապրում։

Չնայած անցած ամիսներին, Վարդանը պարզորոշ տեսավ փոքրիկ մուրացկանին, որը կանգնած էր ճամփեզրին։ Ինքը հոդված կգրի նրա մասին և նրա միջոցով կխոսի բոլոր որբերի մասին։

Նրանք հասան մինչև սանդուղքը և դանդաղ քայլերով վերադարձան խորանի մոտ, ուր Արուսյակը հագցնում էր փոքրերին։

— Ի՞նչ նորություններ կան պատերազմից, պարոն քահանա։

— Արդեն երկու ամիս է՝ ոչ մի նորություն չկա։ Ինչպիսի աղետ մարդկության համար։ Սակայն դեռ ամեն ինչ կորած չէ։ Մենք նոր աշխարհ կկառուցենք։ Ավելի շուտ՝ սրանք։

Նա ցույց տվեց երեխաներին։ Վարդանը պատասխանեց.

— Թող Աստված օրհնի ձեզ այն ամենի համար, ինչ դուք անում եք մեր ժողովրդի համար։

— Աստծու սպասավորի իմ պարտքն է դա, պարոն Պալյան, ես ընդամենը իմ պարտքն եմ կատարում։

—— Մենք պատրաստ ենք,— հայտարարեց Արուսյակը, փոքրերին նրանց ընդառաջ բերելով։

— Ինչ մեծ սիրտ ունի այս կինը,— շշնջաց միսիոները։

— Իսկապես...

Քարանձավի մուտքի մոտ նրանց էր սպասում ծածկած մի սայլ, որին երկու ձի էին լծված։ Արամը, ավանակի հետ, կանգնած էր սայլի կողքին։ Ավանակը փալանված և բարձված էր։ Հուզված երեխաները հրաժեշտ տվեցին բոլորին, հատկապես Արամին, և սայլի մեջ նստելով, ծածկվեցին այծի մորթիներով և սայլի մեջ եղած գորգերով։ Նրանք վախով էին գնում դեպի անհայտություն՝ իրենց հետևում թողնելով այն մարդկանց, ովքեր իրենց սիրում էին։

— Դուք միայնակ չեք,— ասաց Վարդանը։— Հետագայում դուք միմյանց համար քույրեր և եղբայրներ կլինեք։

Նա մտածում էր Տեր Գևորգի խոսքերի մասին. «Մենք խաշնարած շներ ենք»։ Իր ճանապարհն ընտրված էր։ Մինչ պատերազմի ավարտը իր կյանքը լինելու էր այնպիսին, ինչպիսին եղել էր նախորդ տարի՝ շրջիկ երաժշտի կյանք։ Գրել, այո՛, սակայն ավելի շուտ օգնության ձեռք մեկնել փոքրիկ Թովմասներին և Նաիրիներին։

Սայլը կիսաշրջան կատարեց դեպի արևմուտք շարժվելու համար։ Մեթյուզ քահանան վերջին անգամ նրանց ձեռքով արեց։ Արցունքն աչքերին, Արուսյակը բղավեց երեխաների հետևից.

— Դուք բոլորդ երջանիկ կլինեք։

Վարդանը ձեռքն անցկացրեց նրա ուսով և թեթևակիորեն թափ տվեց.

— Քո շնորհիվ, Արուսյակ։ Եվ Արամի շնորհիվ, այս երիտասարդի, որը պատվով է կրում իր նախնիների անունը։

Տղայի դեմքը փայլեց հպարտությունից, և նա շոյեց իր դաշույնի պատյանը։

Երեխաները ձեռքով արեցին քահանայի սայլից, հետո այն անհայտացավ բլրի հետևում։

— Տուն վերադառնանք,— ասաց Արուսյակը հուզված։

Արամն ավանակի հետ առաջ անցավ, իսկ Վարդանն ու Արուսյակը, գրկախառնված, հետևեցին նրան։