Ամառ առանց այգաբացի - Գլուխ 2

Գրապահարան-ից

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 1 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 3 ▶


Հունիսի 30-ի առավոտյան Սամսունի ճանապարհով Սվասին էր մոտենում մի կառք։ Այդ կառքով ճանապարհորդում էր Կոստանդնուպոլսի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը` Գանի բեյը, տասներկու ձիավորների ուղեկցությամբ։ Ներքին գործերի նախարարի տեղակալը լինելով` նա ավելի մեծ իշխանություն ուներ, քան օսմանյան կաբինետի նախարարներից շատերը։

Կառքի ծածկը չէր պաշպանում Գանի բեյին ամառվա տապից։ Ձիերն այնպիսի փոշի էին բարձրացնում, որ հնարավոր չէր շնչել։ Գեր մարդն իրեն հով էր անում և անընդհատ հազում էր կոկորդը մաքրելու համար։

― Վայրենիների երկիր,― մրթմրթաց նա քթի տակ։

Ճաքճքած սև կաշվից նստարանին թեք ընկած` նա դոդոշի էր նմանվում իր կախված և փայլուն այտերով, մեծ բերանով, պարանոցի բազմաթիվ ծալքերով և մեծ փորով, որի պատճառով նրա ձեռքերն ու ոտքերը շատ կարճ էին թվում։ Պոլսի ներքին գերծերի նախարարության իր ենթակետերը նրան «Վարազ» էին անվանում մանր կլոր աչքերի, ծանր շնչառության և, հատկապես, նրա զզվելի բնավորության պատճառով։ Գիրությունը Գանի բեյին ինքնավստահություն էր հաղորդում, քանի որ մանկության ընթացքում նա սովից շատ էր տառապել։ Նրա ընտանիքը, ինչպես նաև Կոնիայի շրջակայքում գտնվող իրենց գյուղի մնացած ընտանիքները, ամեն ձմեռ մի քանի ամիս սովի էր մատնվում։ Այժմ նա ուտում էր ինքնամոռաց կերպով, կարծես այդպիսով ընդմիշտ կարող էր հեռացնել սովի ուրվականը։ Այդուհանդերձ նա չէր կարողանում հագեցնել իր ախորժակը։

Շոգին արված միակ զիջումն էր նստարանին դռված ֆեսը, քանդված փողկապը և արձակված փողկապը։ Մնացած մանրամասների հարցում նա հարազատ էր մնացել մայրաքաղաքից եկած բարձրաստիճան պաշտոնյայի իր կերպարին` սև կոստյում, որի բաճկոնը կոճկած չէր, իսկ տակից երևում էր նույն գույնի բաճկոնակը` ժամացույցի ոսկեզօծ շղթայով։ Նրա հագուստը փոշուց գորշ էր թվում ։ Ամեն ինչ գորշ էր` ձեռքերը, կոշիկները, կառքը, ձիերը, նույնիսկ շրջապատող բնությունն էր գորշ։ Նրա ճաղատ գլուխը քրտնել էր, և քրտինքը հոսելով նրա կլորի այտերվ, լցվում էր ծոցը։ Նա ստիպված էր եղել գրպանը դնել իր պենսնեն, որը վայր էր սահում նրա խոնավ քթից։

― Վայրենիների երկիր,― նորի մրթմրթաց նա գլուխը թափ տալով։Սադափե կափարիչով գլանատուփից նա հանեց մի ծխախոտ և այն ծխաքարշին ամրացրեց։ Քաղաքը տեղադրված էր հովտում, և արևը դեռ չէր վառել ամբողջ բուսականությունը։ Սակայն քաղաքից այն կողմ հորիզոնը պատնեշում էին լեռների սրածայր գագաթները, և նա գիտեր, որ Սվասում կանգ առնելուց հետո ինքը հայտնվելու էր տափաստանում։ Նրան ապասում էին հարյուրավոր կիլոմետրերով ձգվող վատ ճանապարհներ։ Քանի՞ շաբաթ պետք է անցկացներ այդ ճանապարհներին մինչև Միջերկրականի ափը հասնելը և գնացք նստելը, որը նրան մայրաքաղաք կտաներ։ Նա սրտնեղեց իր ղեկավար Թալեաթ փաշայի դեմ, որը գործուղել էր իրեն Անատոլիա՝ հայերի տեղահանության հետ կապված խնդիրները կարգավորելու համար։

Գանի բեյը դեմքը սրբեց խոնավ թաշկինակով և մի կամ ջուր խմեց շշից։ Գոլ ջուրը չէր հագեցնում ծարավը։ Նրա գլուխը տմբտմբում էր, և նա իր չտեսնող հայացքն էր հառել շրջակա բնությանը։ Նա երագում էր Կոստանղնուպոլսի, Բոսֆորին նայող իր տան զով պարտեզի մասին։ Նա Սամսուն էր ժամանել շոգենավով, Սև ծովի հարավային ափի երկայնքով։ Այդ շրջանը կարգին տեսք ուներ, կլիման չափավոր էր ծովի մերձության պատճառով, իսկ սարերը անտառապատ էին։ Այլ տեսարան էր երկրի խորքում։ Մերկ լեռներ, քարքարուտ և տատասկներ։ Հազվադեպ հանդիպող ծառեր, որոնք կմախքի էին նմանվում։ Անիծված երկիր, որը պիտանի էր միայն այծերի համար։ Ճանապարհին նա տեսել էր միայն ողորմելի գյուղեր, ուր նույնիսկ իջևանելու կարգին տեղ էլ չկար։ Սվասը գոնե իսկական քաղաք էր, և նա մտածեց այն հաճույքի մասին, որ նա կզգար քաղաքային բաղնիքում լողանալիս։

Կառքը մոտեցավ քաղաքի հարավային դարպասին, ուր կանգնած էր մի մեծ մզկիթ իր զույգ մինարեթներով։ Քաղաքն ուներ բազմաթիվ հին շինություններ, որոնք կառուցել էին թե՛ մահմեդականները, թե՛ քրիստոնյաները։ Կային նաև սելջուկյան ժամանակաշրջանի հուշարձաններ, որոնք հռչակել էին քաղաքը։ Սակայն այդ մենը Գանի բեյին չէր հետաքրքրում։ Նա գերադասում էր աշխույժ փողոցները, մարդկանց բազմությունը, քանի որ այն շրջաններում, որոնցով նոր էր անցել, նա միայնության անտանելի զգացում էր ապրել։ Կառքը հասավ շուկա, որտեղով անցնում էր գավառապետի նստավայրը տանող ճանապարհը, ուր Գանի բեյը պետք է օթևաներ, և կառապանը դանդաղեցրեց ընթացքը։ Անհամար հետիոտները, իրենց բեռի տակ կքած ավանակների և սայլակների բազմությունը խճողում էին վաճառասեղանների պատճառով արդեն իսկ նեղ անցումը։ Փեթակի բզզոցին նմանվող ընդհանուր աղմուկի մեջ լսվում էին իրենց ապրանքը գովազդող վաճառականների կանչերը։

Քնջութի ձեթով տապակվող կերակուրի հոտից Դանի բեյի բերանը ջուր լցվեց։ Հետո նա զզաց ոչխարի խորովածի բուրմունքը և նրա ստամոքսը կծկվեց։ Նա ծխախոտ վառեց սովի զգացումը մեղմելու համար։ Ամբոխը կիպ կառքին էր մոտենում, և հաճելի բուրմունքները իրենց տեղը զիջեցին սուր՝ շաբաթներով անլվա մնացած մարմինների և հագուստի հոտին։ Աղքատության և ընչանքի հոտ։ Իր մանկության հոտը։ Նա զզվանքից սարսռաց և քիթը թաքցրեց վարդի բուրմունք արձակող թաշկինակի մեջ։ Կոստանդնուպոլսում անցկացրած քառասուներկու տարիները նրան լիովին փոխել էին, և նա օտարացել էր այս հասարակ մարդկանցից, չնայած որ ինքը դուրս էր եկել նրանց ծոցից։ Այստեղ ամեն ինչ նրան պարզունակ և կոպիտ էր թվում։

Գիտակցության խորքում խնամքով թաղված մի հիշողություն վերադառնում էր նրան։ Մոր և քույրերի հետ միասին նա ճանապարհներից և դաշտերից կովի թրիք էր հավաքում, որը կանայք տուն էին տանում գոգնոցների մեջ լցրած։ Նրանք շտապում էին առաջ ընկնել հարևաններից։ Թրիքը տուն բերելով՝ խառնում էին հարդի հետ և ծեփում տան արտաքին պատերին, որպեսզի այն չորանար և վառելիք դառնար, որը փոխարինում էր այդ շրջանում գոյություն չունեցող ցախին և քարածխին, որ չափից ավելի թանկ էր իրենց ընտանիքի համար։ Կանաչ ճանճերի պարսերը տան շուրջը... թանձր հոտը, որը սաստկանում էր անձրևի ժամանակ... Գանի բեյը իջեցրեց աչքերը և նայեց իր երկար ու խնամքով հարդարված եղունգներին։ Իր մանկությունը իրեն սարսափ էր ներշնչում։ Նա կուզենար ջնջել նույնիսկ դրա հետքերն իր հիշողությունից։

Երբ տասը տարեկան հասակում քաղաքացի մի էֆենդի սիրահարվել էր իրեն, նա մեծ հաճույքով այդ մարդու հետ Կոնիա էր զնացել։ Նրբահամ ուտեստներ, իսկական մահճակալ սպիտակեղենով, մաքուր հագուստ։ Եվ պատանի Գանին ամենևին էլ խղճի խայթ չէր զգում` փոխարենը հարուստ բարերարին իր բարեհաճությամբ հատուցելիս։ Վերջինս նրան ուսման էր տվել Կոնիայի դերվիշական զլխավոր վանքում, հետո հետ տարել էր Կոստասնդնուպոլիս, ուր Գանին աշխարհիկ կրթություն էր ստացել։ Այդ ժամանակաշրջանից նա պահպանել էր միայն ատելությունը քրիստոնյաների հանդեպ, որը նրան ներշնչել էր մոլեռանդ մի դերվիշ, և միասեռական սիրո հակումը։ Հետագայում, իր հովանավորի կապերի շնորհիվ, նա պաշտոն էր ստացել, իսկ խելքի և աշխատասիրության շնորհիվ, ներառյալ բանսարկության ունակությունը, Գանին աստիճանաբար հաղթահարել էր բազմաթիվ փուլեր, որոնք նրան հեռացրել էին նրա համեստ ծագումից։ Ագահ և դաժան լինելով` նա չուներ ո՛չ բարոյական սկզբունքներ, ո՛չ էլ խիղճ և պատրաստ էր անել ամեն ինչ իր փառասիրությունը հագեցնելու համար։ Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ գաղտնի ոստիկանության սպա լինելով՝ նա ոգեշունչ կերպով ջարդել էր քրիստոնյաներին և հետապնդել երիտթուրքերին։ Զգալով իրավիճակի փոփոխությունը` նա կապվել էր հենց նույն երիտթուրքերի հետ և նրանց տեղեկատվություն էր մատակարարել։ Նա կարողացել էր այնպես անել, որպեսզի նրանք զգային իր կարիքը, և ղեկավար դիրքերի էր հասել շարժման մեջ։ Այսօր նա չէր էլ կասկածում, եթե վարչակարգի նոր փոփոխություններ տեղի ունենային, ապա նա նորից կվերապրեր։

― Անիծված երկիր,― փնթփնթաց նա ցածրաձայն։

Սակայն այս երկիրը կազմում էր Օսմանյան կայսրության մասը, նույնիսկ նրա կորիզը, և այդ կայսրությունը, իսկ ավելի ճիշտ` ստեղծվելիք «Մեծ Թուրքիան», ամենակարևոր բանն էր Գանի բեյի համար, բացառությամբ, իհարկե, իր անձի։

Ինչպես և երկրի ղեկավարները, Գանի բեյը համարում էր, որ պատմությունը իրենց բացառիկ հնարավորություն էր տվել մաքրելու Անատոլիան օտար տարրից։ Բոլոր նրանք, ովքեր ծագումով թուրք չէին, պետք է հեռանային կամ մեռնեին, նախ` հայերը, հետո` հույները, հրեաները, ասորիներն ու արաբները, նույնիսկ քրդերը, որոնք այլ ելք չէին ունենալու թրքանալուց բացի։ Կայսրության հիմնադիրները անհեռատես էին գտնվել թույլ տալով, որ երկրի նախկին բնակիչները շարունակեին ապրել կայսրությունում, քանի որ մի օր այդ մարդիկ կուզենային հավասարվել թուրքերին և դրան կհասնեին։ Այդ էր պատճառը, որ իրենք կորցրեցին Հունաստանն ու Բալկանները, և շատ հնարավոր էր, որ իրենք այժմ կորցնում էին Միջագետքը ու Արաբական թերակղզին։ Վտանգ կար, որ Անատոլիայի մի մասը կարող էր անցնել հայերին, իսկ մյուս մասը`քրդերին։

Միակ ելքն էր, որ այդ երկրում միայն թուրքերն ապրեին։ Շուկայից դուրս գալով` կառքը մտավ նոր շենքերով շրջապատված մի հրապարակ։ Հիշելով այս քաղաք իրեն բերած առաքելությունը` Գանի բեյը մոռացավ հոգնածության մասին։ Գավառապետի նստավայրը գնալու փոխարեն, ուր նրա համար արդեն ամեն ինչ նախապատրաստված էր, նա մեկնեց ուղիղ ոստիկանության բաժին։ Նա այդ մասին հրահանգ տվեց կառապանին, որը ձիերին քայլքի անցկացրեց։ Գանի բեյը կապեց փողկապը և գլխին դրեց ֆեսը։

Անձրևներից և արևից քայքայված փայտե գորշ շենքը ողորմելի տեսք ուներ։ Դարասկզբին կառուցվելուց ի վեր այն չէր ներկվել։ Շենքի ճակատային մասում մեծ լուսամուտներ կային, որոնց ապակիների մի մասը կոտրված էր։ Այնտեղ մեկ հարկի տակ ծվարել էին ոստիկանության բաժանմունքը և քաղաքապետարանը։ Ընդունված կարգով վերին հարկը զբաղեցնում էր ղեկավարությունը, իսկ առաջին երկու հարկերը տրամադրված էին ցածրաստիճան պաշտոնյաներին, քարտուղարներին ու ցրիչներին։ Բանտախցերը գտնվում էին նկուղում։

Երեք ոստիկան զրուցում էին մուտքի ծածկի ստվերում։ Նրանք զգաստ կանգնեցին և պատվի առան` տեսնելով կառքը, որը կարող էր միայն կարևոր անձի պատկանել։

― Դու,― կանչեց Գանի բեյը զինվորներից մեկին,― արի, օգնիր իջնեմ։

Ոստիկանն իր հրացանը տվեց ընկերոջը և վազելով մոտեցավ։ Նա իջեցրեց շարժական աստիճանը։ Զսպակները ճռնչացին և կառքը թեքվեց, երբ Գանի բեյը սկսեց իջնել։ Գիրությունը սահմանափակում էր նրա շարժումները։ Նա մի ձեռքով հենվեց ոստիկանի ուսին և թեթևացած հոգոց հանեց, երբ գետնին հայտնվեց։ Նա թափ տվեց իր հագուստը ծխախոտի մոխրից և նայեց դատարկ սանդուղքին։ Նա վիրավորված էր, որ ոչ մի պաշտոնյա իրեն չէր դիմավորում։

― Դուք այսպե՞ս եք ընդունում հյուրերին,― ասաց նա չարացած տեսքով։

Ոստիկանը` անտաշ մի գյուղացի, պատասխան չգտավ։ Նա վախեցած տեսքով աչքերն էր ճպճպացնում։ Հենց այդ պահին ոստիկանապետը` Մուսթաֆա Ռահմին, հայտնվեց դռան բացվածքում։ Նրա վերնաշապիկը կոճկած չէր, և երևում էր նրա մազոտ կուրծքը, իսկ ծալված թևքերը բացել էին մկանուտ բազուկները։ Նա թուխ էր, իսկ հոնքերը նույնքան խիտ էին և սև, որքան սրածայր մորուքը։ Նա հագավ իր բաճկոնը և շտապեց հյուրին ընդառաջ։

― Բարի գալուստ, Գանի բեյ,— ասաց նա` խոնարհվելով։ Ներեցեք ինձ, ես ձեզ սպասում էի ճաշից հետո։ Ինչպե՞ս եք ճանապարհորդել։

― Շատ վատ,― պատասխանեց նա չոր տոնով։― Գնանք ձեր գրասենյակը։Մուսթաֆա Ռաֆմին արձնագրեց, որ բարձրաստիճան հյուրը շատ վատ տրամադրության մեջ էր, և դա խթանեց նրա անհանգստությունը։

Նա գիշերը վատ էր քնել և շուրջ տասն անգամ արթնացել էր վատ երազների պատճառով, ուր Գանի բեյը գլխավոր դերն էր կատարում։ Մուսթաֆա Ռահմին գիտեր իր հյուրի համբավը։ Նրա տրամադրության փոփոխությունների կարող էին վերջ տալ պաշտոնյայի առաջխաղացմանը, իսկ դժգոհությունը՝ բանտախուց տանել։ Ոստիկանապետը միշտ եռանդուն կերպով կատարել էր հրամանները, սակայն իրեն կարող էին հանդիմանել որոշ մանրուքների համար. կաշառք, իշխանության չարաշահում, շորթում և այլն։ Որևէ չարակամ մարդ կարող էր իրեն մատնած լինել։ Միգուցե Գանի բեյը եկել էր «մեծ լվա՞ցք» կազմակերպելու համար։ Դրա մասին էր ակնարկում այն մարդը, որը նախօրեին նամակ էր բերել նրանից։

Նրանք շենք մտան, ուր զգացվում էր փոշու և ծխախոտի հոտը։ Գանի բեյն արհամարհում էր այն ամենը, ինչ մայրաքաղաքից դուրս էր գտնվում, և այս գավառականի անխնամ արտաքինն ու նրա բարբառը, շեղ հայացքն ու սուր մորուքը հաստատում էին նրա նախապաշարմունքները։ Իրականում նրան դուր չէր եկել ոստիկանապետի հասակը։ Կարճահասակ լինելու բարդույթ ունենալով, Գանի բեյը չէր սիրում խոսել իրենից բարձր հասակ ունեցող մարդկանց հետ, իսկ Մուսթաֆան մեկ գլուխ բարձր էր։ Սակայն նա Իթթիհատի նվիրված կողմնակիցներից էր և կուրորեն նվիրված պաշտոնյա, իսկ այդպիսի մարդկանց կարիքը այդ պահին շատ էր զգացվում։ Այդ պատճառով նրան պետք էր խնայել, և Գանի բեյը փափկեց և խոսեց գրեթե բարեկամական տոնով։

― Ես ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, կոմիսար Մուսթաֆա։

Այս խոսքերը հանգստացրին ոստիկանապետին, և նա ժպտաց.

― Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալելը։ Ես հիմա զովացուցիչ ըմպելիքներ բերել կտամ։

― Սկզբում լուրջ բաներից խոսենք։

Ամեն քայլը Գանի բեյից մեծ ջանք էր պահանջում, և նա իրեն օգնում էր՝ թևերը թափահարելով, ինչը գլորվելու պատրանք էր ստեղծում։ Երկու աստիճանավանդակ հաղթահարելուց հետո նրա դեմքը կարմրեց, իսկ շնչառությունը այնքան աղմկոտ էր, կարծես դարբնի փուքս լիներ։ Նրբանկատությունից դրդված` Մուսթաֆա Ռահմին նրա հետ չխոսեց այնքան ժամանակ, մինչև նրա շնչառությունը չկարգավորվեց։ Ոստիկանապետի գրասենյակը զարդարում էր հենց պատին արված` սուլթանի պարզունակ դիմանկարը։ Նկարիչն ավելի հմուտ էր գտնվել մնացած պատերին Ղուրանից հատվածներ գրելիս։ Բարդու սերմերը, ներս խուժելով լուսամուտների կոտրված ապակիներից, բամբակի պես կիտվել էին անկյուններում։ Սենյակում կար գրասեղան, մուգ կանաչ կաշվով պատված բազկաթոռ և փայտե մի աթոռ։ Բացի դրանից, դռան մոտ դրված էր երկար և ցածր նստարան, որի վրա ծոպավոր ծայրով եղեգնյա մի ճիպոտ կար։ Գանի բեյը ճիպոտով երկու հարված հասցրեց նստարանին։ Այդ գործիքը, որի առաջին երկու հարվածները գրեթե ցավ չէին պատճառում, կարող էր մարդու մաշկը քրքրել և սարսափելի տանջանք պատճառել։ Մի ժամանակ, երբ Գանի բեյն ինքն էր պատժում, գերադասում էր հարվածներ հասցնել ոտքերի թաթերին։ Այդ կտտանքն ավելի արդյունավետ էր, քանի որ բանտարկյալն ավելի երկար էր դիմանում, սակայն հետագայում նա կարող էր անդամալույծ դառնալ։ Նա վայր դրեց ճիպոտը և շրջվեց՝ թաքցնելու համար իրեն համակած հուզմունքը, որն արտացոլվում էր նրա դեմքին։

Նա մոտեցավ գրասեղանին։ Սեղանի վրա կուտակված էին թղթապանակներ և ազատ տեղ գրեթե չկար։ Ազատ էր միայն թանաքոտ ծծանը, որի վրա ցուցադրաբար դրված էր սաթե թզբեհը։ Գանի բեյը դա ընկալեց որպես մոլեռանդության նշան, որը նրան դուր չեկավ։ Նա համարում էր, որ կայսրության անկման պատճառը մահմեդական մոլեռանդությունն էր և որ դրանով էր պայմանավորված այն փաստը, որ հայերը, հրեաները և հույները տիրացել էին առևտրին ու արդյունաբերությանը։ Մինչդեռ այդ թզբեհի առկայությունը ոստիկանապետի բեմադրությունն էր։

Գանի բեյը առանց հրավերի սպասելու նստեց գրասեղանի առջև, իսկ ոստիկանապետը կանգնած մնաց՝ ահագնացող անպաշտպանության մթնոլորտում։ Գանի բեյը ծոցագրպանից հանեց պենսնեն, սրբեց ապակիները և քթին դրեց։ Նա դեռ բառ անգամ չէր արտասանել, երբ դուռը բացվեց և հայտնվեց մի ոստիկան, որը պղնձյա սկուտեղով երկու բաժակ հյութ էր բերել։ Գանի բեյը մի շնչով խմեց բալի հյութը։ Նրան հաճույք պատճառելու համար Մուսթաֆա Ռահմին պատրաստակամությամբ հայտարարեց.

— Ձեր հրամանն ի կատար է ածվել։

Գանի բեյը կարծես չհասկանար։

― Գավառապետ Մումթազ բեյի կապակցությամբ...― ավելացրեց ոստիկանապետը ապարդյուն կերպով փորձելով ձայնն իջեցնել։

― Երբ՞։

― Այս առավոտ, իր կալվածքում։ Ոչ ոք չի տեսել և չի իմացել։

― Վտանգ չկա՞, որ կատարողները կխոսեն։ Ձե՞ր մարդիկ են։

― Ես ինքս եմ արել,― հպարտությամբ հայտարարեց ոստիկանապետը ցույց տալով իր ձեռքերը։ Մումթազ բեյը չէր կարող ինձ կասկածել։

Նա բարձրացրեց բալի հյութով լի բաժակը, կարծես կենաց էր ուզում ասել Գանի բեյի նկատմամբ իր ցուցաբերած հավատարմության պատվին։ Վերջինս պարզապես տմբտմբացրեց գլուխը և չեզոք տոնով շշնջաց.

― Շատ լավ։

Այդ պատասխանից դժգոհ մնալով` ոստիկանապետը նոր փորձ կատարեց.

― Սա նրա թզբեհն է։ Իրեղեն ապացույց կծառայի այն մարդու դեմ, որին մենք կմեղադրենք հանցագործության մեջ։

Նա հուզմունքից չէր կարողանում հանգիստ կանգնել և ոտքից ոտք էր անցնում։ Գանի բեյը ձեռքը մեկնեց և ասաց.

― Իմ նամակը։

Ոստիկանապետը գրպանից հանեց նամակը, որը նախօրեին իրեն էր հանձնել Գանի բեյի գործակալը։ Դա գավառապետին վերացնելու հրամանն էր։ Բարձրաստիճան պաշտոնյան ստուգեց նամակի իսկությունը, ծալեց և դրեց բաճկոնի գրպանը։ Մուսթաֆա Ռահմիի մեջքով սարսուռ անցավ։ Նա այլևս ոչ մի ապացույց չուներ, որ հրահանգ էր ստացել գավառապետին սպանելու վերաբերյալ։ Սպանությունն ինքնին նրան չէր հուզում։ Դա նրա առաջին սպանությունը չէր։ Այս երկրում, ուր յուրաքանչյուրը պատրաստ էր ինքնագլուխ կերպով դատաստան տեսնել և ուր վրիժառությունը բարքերում արմատացած ավանդույթ էր, մարդկային կյանքը ոչ մի արժեք չուներ։

Սակայն նրա մյուս հանցագործությունները ո՛չ վկա էին ունեցել, ո՛չ էլ հրահրող։ Բացի դրանից, սա գավառապետ էր։ Նա հասկանում էր, որ ինքը չպետք է կարծեր, որ Գանի բեյն իրեն հովանավորում էր և, առավել ևս, որ նա իր դաշնակիցն էր։ Եթե Գանի բեյն անհրաժեշտ համարեր ազատվել Մուսթաֆայից, ապա այդ բանը կաներ առանց խղճի խայթ զգալու։Գանի բեյը սխալ մեկնաբանեց ոստիկանապետի հոգեվիճակը և նրան նմանեցրեց գամփռ շանը, որը հատուցում էր հայցում տիրոջից։ Նա ժպտաց և տպավորված ձևացավ.

― Հոյակապ աշխատանք է, եթե ձեզ պես մարդիկ շատ լինեն...

Մուստաֆա Ռահմիի դեմքը փայլում էր։ Գանի բեյը շարունակեց սառը տոնով.

― Իսկ հայերի՞ հարցը, ինչպիսի՞ն է իրավիճակն այնտեղ։

― Մենք նրանց տեղյակ ենք պահել տեղահանությունների մասին հրամանին։ Հիմա պահակախմբերի ենք սպասում։ Սակայն բանակը համագործակցելու ցանկություն չի ցուցաբերում։ Ես նկատի ունեմ բարձրաստիճան սպաներին։

― Իմ կարծիքով` այդ իրավիճակը հաճախակի է հանդիպում,― վրդովվեց Գանի բեյը` ծխախոտ վառելով և ոստիկանապետին չառաջարկելով։― Մի մտահոգվեք, այս իրավիճակը կփոխվի։ Ես կառավարությունից ստացել եմ բոլոր լիազորությունները այդ հարցը կարգավորելու համար։ Հայերի տեղահանությունն առաջնային խնդիր է, և այն պաշտոնյաները, որոնք եռանդուն կերպով չեն համագործակցի այս քաղաքականությունը կյանքի կոչելու համար, կփոխարինվեն։ Նույնիսկ գավառապետները։

― Չափավորները իսկական վիժվածք են,― համաձայնեց ոստիկանապետը, որը ստեղծված իրավիճակը հարմար առիթ էր համարում իր որոշ հակառակորդներից ազատվելու համար։― Դուք կարող եք ինձ վրա հույս դնել։

― Մահմեդական բնակչությունն ինչպե՞ս է այդ որոշումն ընդանում։

― Զարմացած է։ Հաճախ դատապարտում է։ Շատերը քրիստոնյա բարեկամներ կամ հաճախորդներ ունեն։

Սրտնեղելով` Գանի բեյը ծխի մի քանի քուլա արձակեց.

― Հիշեցրեք մահմեդականներին, որ նրանք, ովքեր կթաքցնեն հայերին կամ կօգնեն նրանց փախչելու, խստորեն կպատժվեն։ Գավառապետի սպանությունն ու մի քանի լավ կազմակերպված իրադարձություններ կօգնեն նրանց կարծիքը փոխելու։

― Ի՞նչ եք պատրաստվում անելու այն հայերի հետ, որոնք մահմեդականություն կընդունեն,― հարցրեց Մուսթաֆա Ռահմին։

― Նրանք ինձ պետք չեն,― բացականչեց Գանի Բեյը։

Նա հանգած ծխախոտը գցեց գետնին և նորը վառեց.

― Կոմիսար,― ասաց նա ավելի հանգիստ ձայնով,― կրոնը այս պատմության մեջ ոչ մի դեր չի խաղում։ Հայ մահմեդականներ՞։ Նրանք հայ էլ կմնան։ Հակառակը եթե դուք ինձ համար ճարեք թուրք քրիստոնյաներ, որոնցով ես կբնակեցնեի Անատոլիան, ապա չէի առարկի։ Հնարավոր չէ կայսրություն հիմնել կրոնի վրա։ Ցեղի վրա, այո՛։

Մուսթաֆա Ռահմին գլխով արեց։ Նա չէր սիրում ծխի հոտը և լուսամուտներից մեկը բացեց։ Սենյակում լսվեց բակի աղբյուրի զուլալ ձայնը։ Գանի բեյը հանկարծ զգաց ճանապարհորդության հոգնածությունը և մտածեց այն բաղնիքի մասին, որի մոտով ինքն անցել էր։ Ինչ՜ երանություն կլիներ տաք բաղնիքում հիմա մաքրվել ճանապարհի փոշուց և մարմինը հանձնել քիսաչու խնամքին, որն այն կլվար լավ օճառով և խոտաբույսերի թրմաջրով։ Նա պատկերացրեց այն երջանկությունը որ կզգար, երբ քիսաչին կմերսեր իր մարմինը այդ արվեստի կանոններին համապատասխան։ Գանի բեյը վճռեց ավարտել զրույցը։

― Իմ գործակալները կապվե՞լ են ձեզ հետ, կոմիսար։

― Այո։

― Հայտնեք նրանց, որ ես ուզում եմ իրենց տեսնել կեսօրից հետո,― ասաց նա՝ ոտքի կանգնելով և հայացքը հառելով իր զրուցակցի վրա։― Դուք ինձ հետ կճաշեք և մենք կքննարկենք իրադարձությունների հետագա ընթացքը։

Հարգանքի այդ նշանից Մուսթաֆա Ռահմին իրեն շոյված զգաց և զգաստանալով՝ ձեռքը սրտին սեղմեց.

― Դուք ինձ մեծ պատիվ եք անում։

Սրտապնդվելով` նա քրքրեց սեղանի անկյունում կիտված թղթապանակները, հանեց մի քանի ճմռթված թերթիկ և հետևեց Գանի բեյին, որը լուսամատին մոտենալով` փնտրում էր իր կառքը։ Ոստիկանապետը հարթեցրեց թերթիկները և ներկայացրեց իր վերադասին։

― Սա քաղաքի հարուստ և ազդեցիկ հայերի ցուցակն է։ Նրանք երկու հարյուր հոգուց ավելի են։ Ուզու՞մ եք նայել։

Ակամա քմծիծաղը դեմքին, Գանի բեյը կարդաց անխնամ ձեռագրով գրված թերթիկները։ Անուններն իրեն ոչինչ չէին ասում։

― Մեկը պակասում է,― ասաց նա ինքնահոսի կափարիչը հանելով։

Հենվելով լուսամատի փոշոտ գոգին` նա ցուցակի սկզբում մի անուն ավելացրեց։

✻    ✻



Երբ Արմեն Սուրմելյանը եկավ, Պալյանների այգու դուռը կողպած էր։ Դա անսովոր էր, սակայն նա շատ լավ էր հասկանում այդ զգուշավորությունը։ Տեղահանություն... Տղամարդը հայհոյեց և դեն նետեց հանգած ծխախոտը։ Նա կարճահասակ էր ու թիկնեղ, նրա վիզն այնքան կարճ էր, որ թվում է, թե դրված է անմիջապես լայն ուսերի վրա։ Նրա կնոջ՝ Արաքսիի կարծիքով իր բնավորությամբ նա նման էր ծեր ջորու։

Նա ձգեց գանգի շղթան։ Հեռանալ Սվասից, ուր նա հաստատվել էր յոթ տարի առաջ ծերությունը խաղաղության մեջ անցկացնելու համար... Ո՞ւր կքշեն իրենց։ Ի՞նչ կլինի հետո։

Հայկական թաղի ծայրամասում գտնվող փոքրիկ տունն ու հողակտորը նրա միակ հարստությունն էին։ Իրենց խոստացել էին տեղավորել Ուռհայի ու Հալեպի շրջաններում գտնվող գյուղերում։ Խոստացել էին նաև, որ գույքի տեղափոխության ծախսերը կհոգար կառավարությունը։ Իրենց հանգստացնում էին, սակայն Արմենի 72 տարվա կենսափորձը թույլ չէր տալիս նրան հավատալու պաշտոնական խոստումներին։ Անցյալում սուլթանը բազմիցս վերանայել էր իր պարտավորությունները հայերի ու կայսրության այլ փոքրամասնությունների նկատմամբ։

Մեծ ճերմակ տնից դուրս եկավ աղախինը և մոտեցավ ցանկապատին։ Նրա կլոր դեմքը երիզված էր ականջներից կախված ոսկյա գինդերով։ Նրա կզակը բռնելով, Արմենն իր ցածր ու մի քիչ խռպոտ ձայնով ասաց.

― Դու ինչպես միշտ շատ սիրուն ես, Ջամիլա։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ դու դեռ ամուսնացած չես։

Աղջիկը կարմրեց և աչքերն իջեցրեց։ Նա միշտ մեղքի զգացում էր ունենում Արմենի ներկայությամբ, քանի որ չնայած իր տարիքին՝ նա գրավում էր աղջկան։ Նրա հայացքը կանգ առավ նավապետի շապիկի բացվածքում երևացող սպիտակ մազերին, և նա ավելի կարմրեց։ Շատ հաճախ աղջիկը գաղտագողի հետևում էր Արմենին, երբ նա աշխատում էր Պալյանների այգում, կարգի էր բերում մարգերը, փխրեցնում էր բանջարանոցի հողը և խնամում էր անասուններին։ Նավապետի հաստ մատներով ահռելի ձեռքերը շատ նուրբ և ճարպիկ էին դառնում, երբ պատվաստում էին մրգատու ծառերը, կտրատում էին վարդի թփերը և քաջվարդերը։ Դա սիրո տեսակ էր, որ Արմենը ցուցաբերում էր նաև երեխաների ու կենդանիների նկատմամբ։ Այդուհանդերձ, նրա բազուկները նմանվում էին արջի թաթերի և դրանք պետք է որ շատ ամուր սեղմեին... Զգալով ջահել աղջկա հուզմունքը՝ Արմենը խիտ հոսքերը կիտեց, և նրա կկոցած աչքերը խորամանկ կայծեր արձակեցին.

― Եթե ես մահմեդական լինեի, քեզ որպես երկրորդ կին կառնեի։

― Նավապետ Արմեն,― բողոքեց աղջիկը շփոթվելով` դուք միշտ ծաղրում եք ինձ։

― Սխալվում ես, ես շատ լուրջ եմ։ Ի դեպ` ես կխոսեմ այդ մասին կնոջս` Արաքսիի հետ։

Աղջիկը սովոր էր ծերունու կատակներին, սակայն չգիտեր, թե արդյոք նրա խոսքերի մեջ ճշմարտության հատիկ կար։ Նա ամաչելով ծիծաղեց և դեմքը թեքեց։ Արմենը աղջկա հետևից այգի մտավ բոցենիների և լյուպիների միջով խճաքարով սալահատակված ծառուղիով։

― Ազնիվ խանումին ասե՞մ, որ եկել եք։

― Կարիք չկա, ես շտապում եմ։ Թովմասին մոտս ուղարկիր։

Երբ Արմենը մենակ մնաց, նրա տրտում մտքերը վերադարձան։ Նա կանգնած էր շագանակենու ստվերում և վիրավոր ոտքն էր շփում։ Նա զարմանում էր, որ ցավն իրեն զգալ էր տալիս այդքան տարի անց։ Հին վերք էր, որ ստացել էր 1894 թ. ջարդերի ժամանակ, երբ ինքն ու Արաքսին հազիվ էին մազապուրծ եղել։ Տրապիզոնում ապրող իրենց զավակներն ու թոռներն այդ բախտին չէին արժանացել...

Նրա թիկունքով քրտինք էր հոսում, քանի որ իր սանիկին հաճույք պատճառելու համար հագել էր ոսկեզօծ կոճակներով նավաստու իր բաճկոնը և գլխարկը, որի հովարի վերևում խարիսխ էր գործված։ Արմենը նավակ էր ունեցել և իր ամբողջ կյանքը ձկնորսություն էր արել Սև ծովի ափին։ Մաքսանենգություն էլ էր արել։ Այստեղ, երկրի ներքին շրջաններում, ուր նա եկել էր ջարդերից հետո, մարդիկ նրան «նավապետ» մականունն էին տվել, և դա նրան տհաճություն չէր պատճառում, այլ նույնիսկ դուր էր գալիս։

Նա ցրված հայացքով նայում էր խճի կազմած նախշին, հետո մոտեցավ մարգին և քաղեց թոշնած ծաղիկները։ Մայոր Վարդանը նրան վարձել էր այգին և անասունները խնամելու համար, և նրա տված ոոճիկը հավելում էր այն եկամուտին, որ Արմենը ստանում էր հավեր բուծելով, և դա նրան հնարավորություն էր տալիս արժանավայել կերպով ապրել առանց ծախսելու իր համեստ խնայողությունները։ Նա շատ էր հարգում և սիրում Վարդան Պալյանին, որը անտեսելով Արմենի համեստ դիրքը, նրան ընտրել էր որպես իր որդու կնքահայր։

Ճիշտ է, Վարդանի ազգականները հեռու էին, սակայն Սվասի ցանկացած հարուստ հայ շոյված կլիներ եթե Թովմասը նրա սանիկը լիներ։ Ուստի Արմենը շատ լուրջ էր վերաբերվում կնքահոր իր պարտականաթյուններին, քանի որ չէր հասկանամ մայոր Վարդանի ընտրության դրդապատճառը։ Վարդանը շատ կրթված մարդ էր, մինչդեռ ինքը հազիվ գրել և կարդալ գիտեր։

― Բարի լույս, նավապետ Արմեն։

Նա գլուխը բարձրացրեց։ Մարոն կանգնած էր նրա տան շեմին` ձեռքին գորշ թերթով փաթաթված մի կապոց։

― Տուն չե՞ք մտնի։

― Բարի լույս Մարո։ Ոչ, մենք կգնանք՝ հենց որ Թովմասը պատրաստ կլինի։ Պատարագից առաջ ծխական կոմիտեի հատուկ նիստ է հրավիրված։

― Թովմասը չի ուշանա։

Մարոն իջավ աստիճաններով և մոտեցավ Արմենին։ Արմենը սիրում էր Մարոյին նայել, հատկապես երբ նա եվրոպական հագուստ էր կրում, ինչպես այդ օրը։ Ծոծրակին հանգույցի մեջ հավաքված մազերը բացում էին նրա նուրբ պարանոցը և գլխի կեցվածքին վեհության էին հաղորդում։ Արմենը երբեք այդքան գեղեցիկ կին չէր տեսել։ Նա զգայնական լիցքեր էր արձակում սակայն նրա հայացքը անկեղծ էր ու բաց։ Այդ խառնուրդը կախարդում էր ծերուկին, որը չէր կարողանամ Մարոյին նայել առանց ներքին դողի։ Երբ Մարոն Արմենին մոտեցավ, նա հիացավ դեղին ցոլքերով նրա շագանակագույն աչքերով։ Մարոն համբուրեց Արմենին և հարցրեց, թե ինչպես է նրա կինը։ Արմենն էլ իր հերթին տեղեկացավ նրա մոր ու ամուսնու առողջության մասին։

― Ես չեմ ուզում անհամեստ թվալ... Ասացեք, Արմեն, քահանայի հետ դուք պետք է տեղահանության մասին խոսե՞ք։

― Է՛լ ինչի մասին,― հառաչեց նա։― Մայոր Վարդանը որևէ բան իմացե՞լ է։

― Առայժմ ոչինչ։― Մենք բոլորս անտեղյակ ենք, և դա սարսափելի է։ Սպասել առանց իմանալու, թե ինչ է գլխիդ գալու։

― Ի՞նչ եք կարծում, արժե՞ Թովմասին եկեղեցի տանել,― անհանգստացած ձայնով հարցրեց Մարոն։

― Սուրբ Մինասը մի քանի փողոց այն կողմ է, հայկական թաղի կենտրոնում։ Քաղաքում էլ ամեն ինչ հանգիստ էր։ Ես այս առավոտ շուկայում եմ եղել։ Մահմեդական առևտրականները նույնքան զարմացած են, որքան և մենք։

Նա չասաց, որ այդ հանդարտությունը փոթորկին նախորդող հանդարտություն էր։ Ինչպես և բոլորը, նա կանխազգում էր վատթարագույնը, սակայն այդ մասին չէր խոսում սնահավատ վախից, որ ասածը կիրականանար։ Նա ավելացրեց.

― Մի վախեցիր, ես ուշադիր կլինեմ։

Այդ բանն ասելով, նա արտահայտիչ տեսքով ձեռքը տարավ գոտկատեղին։ Մարոն հասկացավ, որ նա զինված էր և դա խթանեց նրա անհանգստությունը։ Արմենը նրան հանգստացրեց.

― Սա արտառոց դեպք չէ, ես զենքը միշտ վրաս եմ կրում։

Մարոն գլխով արեց։ Այս երկրում տղամարդը միշտ պետք է ի վիճակի լիներ իրեն պաշտպանելու։ Արմենն ուզում էր ինչ որ բան ավելացնել, սակայն լռեց, քանի որ տնից դուրս եկավ Թովմասը` շան ուղեկցությամբ։ Մարոն դարձավ դեպի նավապետը և արագ շշնջաց.

― Չմոռանաք Արաքսիի հետ այս երեկո գալ մեր տուն ճաշի։

― Ինչպես կարող եմ մոռանալ։ Չէ՞ որ նրա նվերն արդեն ինձ մոտ է։

- Կնքահա՜յր, կնքահա՜յր։Սասունն ուրախ հաչում էր և թռչկոտում երեխայի շուրջ։ Թովմասը վազեց կնքահոր մոտ, որը նրան գրկեց։

― Գնալով դու ծանրանում ես իմ ավազակ,― ասաց Արմենը` նրան համբուրելով։― Օր օրի մեծանում ես։

Թովմասը փքվեց, քանի որ Արմենի կարծիքը նրա համար մեծ նշանակության ուներ։ Երեխան պապ չուներ և Արմենին ընկալում էր որպես այդպիսին։ Շունը թռչկոտում էր նրաց, շուրջը և ուրախությունից հաչում էր։ Երեխային վայր դնելով Արմենը կռացավ շանը շոյելու, նրա ականջների հետևը քորելու և մեջքը տրորելու համար։

― Դու էլ շատ սիրուն ես։

― Տեսա՞ք նավաստու իմ համազգեստը,― հարցրեց Թովմասը պտույտ կատարելով։― Մայրիկն է կարել։

Արմենն իր հիացմունքն արտահայտեց, շոշափեց կարճ տաբատի, նավաստոու օձիքով կապտասպիտակ բաճկոնի կտորը։ Աչքերը բարձրացնելով` նա հանդիպեց Մարոյի մռայլ հայացքին։ Թովմասի անհոգ ուրախությունն ավելի նկատելի էր դարձնում մեծերին համակած տագնապը։ Արմենը հանեց իր գլխարկը և դրեց երեխայի գլխին, հետո մատներով հարդարեց իր ալեխառն բաշը։

― Ի՞նձ եք նվիրում,― բացականչեց Թովմասը հրճված ձայնով, գլխարկը գլխին հարմարեցնելով։

― Քեզ եմ զիջում մինչև եկեղեցի հասնելը։

― Իսկ հետադարձի ճանապարհի՞ն։

Կնքահայրը գլխով արեց։

― Նայիր, մայրիկ, ես նավապետ եմ դարձել։

Մարոն համբուրեց Թովմասին և նրան տվեց կապոցը։

― Տատիկը միս է դրել, ձիթապտուղ ու հալվա, որ աղքատներին տաս։

Մարոն նրանց ուղեկցեց մինչև դարպասը։ Երեխային տնից դուրս թողնելու հարցը շարունակում էր նրան անհանգստացնել, սակայն Մարոն մտածեց, որ չարժեր Թովմասին չափից ավելի վախեցնել արգելելով եկեղեցի գնալ։ Այդուհանդերձ, նա վերջին անգամ նախազգուշացրեց Արմենին.

― Զգույշ եղեք։ Իսկ դու, Թովմաս, կլսես կնքահորդ։

Նա պահեց շանը, որն ուզում էր նրանց հետ գնալ, և նայեց, թե ինչպես էին ձեռք ձեռքի տված հեռանում ծերունին ու երեխան։

✻    ✻



Նրանք դանդաղ գնում էին փողոցի շիկացած սալահատակով, ջանալով պատսպարվել շենքերի և ծառերի ստվերում։ Պալյանների տան հարևանությամբ գտնվող բոլոր տները մեծ էին, սակայն աստիճանաբար դրանք ավելի փոքր ու համեստ էին դառնում։ Բոլորն էլ իրենց այգիներն ու գոմերն ունեին, և այնտեղից ծանոթ աղմուկ էր գալիս։ Թովմասը ճանաչում էր թաղի երեխաներին, որոնց հետ հաճախ խաղում էր, ճանաչում էր նաև նրանց ծնողներին, տատերին ու պապերին։ Նա ձեռքով էր անում բակերում խաղացող երեխաներին և զարմանում էր, որ նրանք սովորականի պես բղավելով չէին վազվզում փողոցում։ Այն գրեթե դատարկ էր։ Փողոցում տեղադրված նպարեղենի, մսամթերքի, բանջարեղենի հազվադեպ խանութները փակ էին։ Քիչ այն կողմ, թաղի առևտրական մասում, ուր շարված էին մանր առևտրականների խանութները, արհեստանոցները, տարօրինակ խաղաղություն էր տիրում։ Չկային վաճառասեղանները մայթերին, չկային գնորդներն ու հետաքրքրասերները նրանց շուրջը, չկային բեռնակիրները, որոնք ապրանք էին տեղափոխում, չկային նաև աշկերտները, որոնք պատրոն ձևանալով՝ նրանց հրահանգներ էին տալիս։ Իսկ փողոցի անկյունի սրճարանում չէին սովորական հաճախորդները՝ տղամարդիկ, որոնք նարգիլե էին ծխում, նարդի էին խաղում կամ էլ քննարկում էին իրենց գործերը։ Սրճարանի հարթակին աթոռները կործած էին սեղանների վրա։ Նույնիսկ Որդիկը փակել էր «Քյաբաբի տուն» իր հայտնի ռեստորանի վարագույրները։ Այդ ռեստորանը միշտ լիքն էր լինում վաճառականներով, որոնք իրենց գործարքներն էին նշում, կամ էլ ընտանիքներով, որոնք տոնում էին որևէ տարեդարձ։ Փողոցը դատարկ էր թվում առանց նրանց աղմուկի և խորովածի հոտի։

― Այսօր կիրակի՞ է,― հարցրեց Թովմասը զարմանալով։

― Ոչ,― պատասխանեց կնքահայրը՝ ջանալով պատասխան գտնել։

Նա չգիտեր, թե Թովմասին ասե՞լ էին արդյոք հայերին պատուհասած դժբախտության մասին։ Դա իր պարաականությունը չէր։ Նա փոխեց խոսակցության նյութը և երեխային կրկին պատմեց իր ծովային արկածների և տեսած փոթորիկների մասին։ Նա, իհարկե, հնարում էր, սակայն աշխարհագրական մանրամասները իրական էին, և նա ձգտում էր այդ երևակայական պատմությունների միջոցով իր սանիկին կյանքի դասեր տալ։ Հենց որ տանիքների հետևում երևաց եկեղեցու զանգակատունը, Արմենը սկսեց կրկնել նոր աղոթքը, որ նա սովորեցրել էր Թովմասին։ Կնքահոր պարտականությունն էր երեխային հաղորդակից դարձնել կրոնին։ Արմենը շաբաթը երկու անգամ երեխային եկեղեցի էր տանում առավոտյան պատարագին մասնակցելու։ Նա պարզունակ հավատացյալ էր՝ ավելի զգայական, քան բանական։ Ամրողջ կյանքի ընթացքում եկեղեցուն մոտենալուն պես իրեն համակող սնահավատ վախը ծերության շեմին իր տեղն էր զիջել Աստծու հետ բարեկամական մտերմության զգացմանը։

Երկու հարյուր տարի առաջ վարդագույն ցոլքերով մարմարից կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին շրջապատված էր մոխրագույն քարից շարված պարսպով։ Պատերը զարդարված էին խաչքարերով։ Եկեղեցու վրա վեր էր խոյանում ութանիստ զանգակատունը՝ պսակված կոնաձև գմբեթով։ Դա Սվասի ամենամեծ եկեղեցին չէր, սակայն նրա ծխականների մեջ կային հարուստ և ազդեցիկ մարդիկ և այդ պատճառով ամենակարևորն էր համարվում։ Բակում մի քանի նոճիներ էին աճում։ Ծառուղու երկայնքով գետնին նստած ծխական մուրացկանները, հատկապես սևավոր կանայք, սպասում էին հավատացյալների հայտնվելուն։ Նրանց թույլ էին տալիս ողորմության խճդրել պատարագից առաջ ու հետո, և յուրաքանչյուրն իր մշտական տեղն ուներ։ Թովմասը ջանում էր արդարացի բաշխել ողորմությունը, որը նրա ընտանիքն իրեն էր վստահել։ Նա կանգ առավ ծեր, կուզիկ կնոջ առջև, որը նախավերջինն էր շարքում, նրան տվեց կապոցը և արտասանեց ընդունված նախադասությունը.

― Թող Աստված բարի վայելում անի։

― Աստված թող լսի ձեր աղոթքը,― պատասխանեց կինն իր անատամ բերանով։

― Ինչո՞ւ այս մեկին ընտրեցիր,― հարցրեց Արմենը, երբ մտնում էին եկեղեցի։

― Այսօր նրա հերթն էր,― մրմնջաց երեխան։― Ես հաշվել գիտեմ։

Եկեղեցու նավում առջևի նստարանների մոտ ընդամենը մի քանի ծնկաչոք ծեր կին կար։ Արմենը նստեցրեց երեխային նստարանին և պատվիրեց խելոք մնալ։

― Ինձ սպասելու ընթացքում կրկնիր նոր աղոթքը։ Ես չեմ ուշանա։

― Ո՞ւր եք գնում, կնքահայր։

― Քահանային՝ Տեր Խորենին պետք է հանդիպեմ։

― Ես չե՞մ կարող ձեզ հետ գալ։

― Ոչ։ Սպասիր ինձ այստեղ, տեղիցդ չշարժվես։ Եվ հսկիր իմ գլխարկը։

Կնքահայրը դուրս եկավ ավանդատուն տանող փոքր դռնով, իսկ Թովմասը ծնկի իջավ։ Նա սիրում էր այդ վայրի անդորրն ու զովությունը, խնկի բուրմունքը և այրվող մոմերի հոտը։ Նա հայացք գցեց կողմնային պատերին, ուր սրբապատկերներ էին փակցված։ Որոշ սրբեր խիստ տեսք ունեին, ոմանք՝ բարի ինչպես Սուրբ Հակոբը և Սուրբ Ստեփանոսը։ Վիտրաժներից թափանցող արևի ճառագայթները լուսավորում էին Սուրբ սեղանի վերևում կախված Աստվածամոր պատկերը։ Սրբապատկերի առջև վառվում էր տաճարի ճրագը՝ ձիթապտղի յուղի մեջ ընկղմված պատրույգը։

Թովմասը տարօրինակ զգացում էր ապրում, որը չէր կարող բացատրել։ Նա պետք է որ երջանիկ լիներ իր տարեդարձի օրը, որին նա սպասել էր ամիսներ շարունակ, սակայն ինչ-որ անորոշ զգացում խաթարում էր նրա ուրախությունը։ Դա նման էր ատամնացավի, որը նույնիսկ թույլ լինելով, խանգարում էր խաղալ կամ սովորել։ Ոչինչ չէր փոխվել, սակայն ոչինչ առաջվա պես չէր։ Օրինակ, այս դատարկ փողոցները, կողպած խանութները, մեծերի մտահոգ դեմքերը նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը ժպտում էր։ Նա ապարդյուն կերպով հարցաքննել էր Ջամիլային ու Զեյնաբին, սակայն նրանք դեմքերն էին թեքում շփոթված տեսքով և չէին պատասխանում։ Ի՞նչ էին իրենից թաքցնում։ Նա չէր համարձակվում բացատրություններ պահանջել հորից, մորից, տատից։ Միգուցե կարելի՞ էր փորձել կնքահորից մի բան իմանալ պատարագից հետո։

Նա մտածեց, որ Աստված երևի նկատել էր իր ներկայությունը եկեղեցում և որ ժամանակն է աղոթելու։ Նա ձեռքերը ագուցեց և, նայելով Աստվածամոր գրկի Մանկանը, մտքում կազմեց այն մարդկանց ցուցակը, որոնց համար պետք է աղոթեր։

✻    ✻



Ավանդատանը Տեր Խորենը կանգ առավ ծխական խորհրդի նախկին անդամներին պատկերող խմբակային լուսանկարի առջև։ Ավանդատան երկու պատերին փակցված էին մոտ քսան այդպիսի լուսանկարներ, որոնք տեղադրված էին սադափով զարդարված փայտյա շրջանակների մեջ։ Քահանան հիշում էր գերեզմանատան նոճիների տակ հանգչող խորհրդի տասներկու անդամներից յուրաքանչյուրի անունը։ Նա շոյեց կրծքին փռված խիտ մորուքբ։ Լուսանկարի շրջանակի ապակին արտացոլում էր կաղնու փայտից երկարավուն սեղանի շուրջ անշարժ և լուռ նստած մարդկանց։

Սեղանի վերին ծայրին նստած էր Հաջի Հարութը, ծխի հնագույն անդամներից ավագը։ Նրա անվանը հավելված «հաջի» մասնիկը ցույց էր տալիս, որ նա ուխտագնացություն էր կատարել դեպի Երուսաղեմ և ընկղմվել էր Հորդանանի ջրերի մեջ այն վայրում, ուր Սուրբ Կարապետը մկրտել էր Քրիստոսին։ Նրա կողքին խոշոր կալվածատեր Զավենը, որը հայտնի էր իր ազնվությամբ և մեծահոգությամբ, կախել էր գլուխը և փակել աչքերը՝ կարծես քնած լիներ։ Արան, որի օծանելիքի բույրը տարածվել էր սենյակով մեկ, ուշադիր նայում էր պատի մողեսին։ Նա մտածում էր, որ նախորդ ժողովի ժամանակ խորհուրդը որոշել էր վերանորոգել ավանդատունը։ Սակայն ո՞վ էր դրա մասին մտածում այսօր։ Սեղանի մյուս կողմում Սարգիս Զորյանը՝ ուսուցիչը, որը ստանձնել էր նաև գգեստապետի և սարկավագի պարտականությունները, խզբզում էր ծոցատետրի մեջ։ Նրա անմիջական հարևանը աչքը չէր կտրում քահանայից։ Շիրակ Թևոնյանն էր, որին Սարգիսն իր նախաձեռնությամբ հրավիրել էր այս հատուկ ժողովին։

Այդ նախաձեռնության նկատմամբ իր անհամաձայնությունն ընդգծելու համար էր, որ քահանան համառորեն դեմքով չէր դառնում դեպի սեղանը։ Շիրակը չպետք է այդտեղ լիներ։ Քահանան, ինչպես և Սվասի քաղաքացիների մեծամասնությունը, համարում էր, որ ապստամբների գործունեությունն առիթ էր տալիս կառավարությանը կոշտացնելու իր վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Ուսուցիչը տրամագծորեն հակառակ կարծիքի էր։ Հիմա խնդիրն է՛լ ավելի էր բարդանում։ Շիրակի ներկայությունն այս վայրում վտանգում էր նրանց բոլորի վիճակը։ Այդ տաքգլուխը միայն հոգս էր պատճառելու, իսկ իրենց բեռն արդեն անտանելի էր։ Գոնե նավապետ Արմենը շուտ գար, և իրենք հնարավորինս շուտ ավարտեին...

Քահանան մոտեցավ ավանդատան խորքի պատի մոտ շարված երեք պահարաններին, բացեց առաջինը, հանեց պատարագի զգեստավորությունը։ Նա զգում էր Շիրակ Թևոնյանի հայացքն իր ծոծրակին՝ շատ ուշադիր հայացք, որն անհանգստացնում էր։ Նրան թվում էր, թե Շիրակը գուշակում էր իր մտքերը և բացահայտել էր այն, ինչ նա թաքցնում էր կնոջից և ծխի անդամներից՝ իր լիակատար հուսահատությունը։ Օ՜, Տեր Խորենը չէր ընկրկի, հակառակը՝ նա իր քաջությամբ օրինակ կծառայեր հոտի համար, կքարոզեր հույս ու համառություն, սակայն նքն իրեն չէր կարող համոզել։ Նրան հետապնդում էր Քրիստոսի խոսքը. «Հայր իմ, եթե կարելի է, թող այս բաժակը ինձնից հեռու անցնի»։ Այդ բաժակը։ Այսօր Աստված այն հրամցնում էր մի ամբողջ ժողովրդի, ոչ թե Մարդ Աստծուն, այլ ընտանիքի մայրերին, գյուղացիներին, առևտրականներին, արհեստավորներին։ Ունե՞ր նա այդ իրավունքը։ Թեքե՞լ էր նա արդյոք իր դեմքը հայերից, որոնք սակայն պաշտում էին նրա անունը։ Ուրեմն նա դեռևս մարտիրոսների կարի՞քն ուներ։ Քահանայի գլխում գրեթե սրբապիղծ մտքեր էին ծագում, որոնք նա քշում էր կրկնելով. «Թող քո կամքը կատարվի։ Հարվածիր ինձ, բայց խնայիր մնացածներին»։

Մանուկ հասակից Տեր Խորենը երազել էր սովորել Երուսաղեմի ճեմարանում և վարդապետ դառնալ։ Նրա հայրը, որը ժամագործ էր Յոզղաթում, խրախուսում էր իր յոթ զավակներից ավագի այդ ցանկությունը։ Սակայն քանի մոտենում էր մեկնելու ժամանակը, Խորենի վճռականությունը թուլանում էր, քանի որ հարևանուհի Մարիամի հանդեպ նրա սերը հարցականի տակ էր դնում նրա վճիռը։ Ի վերջո, Խորենը գերադասեց ամուսնանալ նրա հետ։ Այսպիսով հաշտեցնելով իր սերը Աստծու և կնոջ հանդեպ՝ նա դատապարտված էր ամբողջ կյանքի ընթացքում քահանա մնալ և զրկվում էր Հայոց Առաքելական եկեղեցու նվիրապետության մեջ բարձր դիրք գրավելուց։ Այդուհանդերձ, որևէ ծխում քահանայի պաշտոնը համապատասխանում էր նրա ձգտումներին։ Նա ցանկանում էր Աստծու կամքի գործիքը լինել այն մարդկանց շրջանում, որոնց միշտ ճանաչել էր, կիսել նրանց ուրախություններն ու վշտերը, ապրել նրանց շրջապատում այնպես, ինչպես հովիվն է ապրում իրեն վստահված հոտի հետ միասին։

Նա երեսուներեք տարեկան էր 1894 թ. հայկական ջարդերի ժամանակ, որոնց հետևանքով Անատոլիայում և Կիլիկիայում երեք տարի շարունակ արյուն էր հեղվում։ Տաքարյուն երիտասարդ քահանան քաջաբար կռվել էր իր հոտի բազմաթիվ անդամներին փրկելու համար։ Հիսունչորս տարեկանում նա այլևս ուժ չուներ պայքարելու, առավել ևս, որ այն, ինչ նախապատրաստվում էր, բոլորովին այլ բնույթ ուներ։ Այն, ինչ կատարվում էր հիմա, սպանության մոլուցքի տարերային և մեկուսի բռնկում չէր. որը կարելի էր վերագրել մոլեռանդությանը և սահմանափակ մտահորիզոն ունեցող զինվորականությանը, այլ կառավարության պաշտոնական քաղաքականությունն էր, որի ամենաչնչին մանրամասները ծրագրավորված էին և կատարվում էին ծրագրի ծավալին համապատասխանող միջոցներով։ Դա նրա ենթադրությունները չէին։ Նա գիտեր դա հավաստի աղբյուրից։ Սվասի շվեյցարական մանկատան տնօրեն Ռոզլեր քահանան նախօրեին Տեր Խորենին էր պատմել այն, ինչ իմացել էր բողոքական մի միսիոներից, որը եկել էր Մալաթիայից։ Տեր Խորենն այդ նորությունը հայտնել էր միայն իր կնոջը, որից նա պահանջել էր լռություն պահպանել։ Նրանք երկուսն էլ կարծում էին, որ փրկություն չկա և որ իրենք բոլորը կարող էին հույս դնել միայն Աստծու ողորմածության վրա։ Հենց այդ խոնարհությունն էր, որ Շիրակը գուշակել էր քահանայի վարքագծում։

Դուռը բացվեց, և ավանդատուն մտավ Արմեն Սուրմելյանը։ Նա զարմացավ՝ տեսնելով, որ ներկա էին խորհրդի միայն չորս անդամները։ Նա նայեց իր ժամացույցին և տեսավ, որ եկել էր չորս րոպե ուշացումով։ Խորհրդի նիստի մասին հայտնել էին ընդամենը մեկ ժամ առաջ և դա էր, անկասկած, բացակայությունների պատճառը։ Արմենը ծխական խորհրդի ակտիվ անդամներից էր և նույնիսկ եթե երբեմն իրեն բուռն էր պահում և իր կարծիքն էր հայտնում առանց խնայելու մարդկանց ինքնասիրությունը, այդուհանդերձ նրա կարծիքը հարգում էին։ Կրթության պակասը նա լրացնում էր սուր խելքով և ողջամտությամբ, որը նրան հնարավորություն էր տալիս դասեր քաղել իր կենսափորձից և տարբեր ազգերին և տարբեր խավերին պատկանող մարդկանց հետ շփումներից։

Նա պտտվեց սեղանի շուրջը, ձեռքեր սեղմեց, ոմանց հետ գրկախառնվեց։ Նա աչքերին չէր հավատում։ Շիրակ Թևոնյան։ Այդ անունն առասպելական էր դարձել շրջանում։ Նա իր մարդկանց հետ, որոնք իրենց «քաջեր» էին անվանում, հերոսական արարքներ էր գործեի պաշտպանելով ռազմաճակատին մոտ գտնվող գյուղերը օսմանյան դասալիքների թալանից։ Շատ պատմություններ էին շրջում, ուր պատմում էին նրա քաջագործությունների մասին, հարձակումներ բանակի պահակախմբերի վրա, մարտեր ավազակախմբերի հետ, վտանգի մեջ գտնվող հայերի փրկություն։ Պատմություններն իհարկե չափազանցված էին։ Ունկնդիրների ցանկությանը ընդառաջելով՝ ամեն ասացող զարդարում էր իրականությունը մանրամասներ ավելացնելով, ձևափոխում էր չափից ավելի առօրեական հանգուցալուծումները։ Ամեն դեպքում այդ պատմությունները հիմնված էին իրական փաստերի վրա, և Արմենը հիանում էր այդ երիտասարդներով, ողջունում էր նրանց վարքագիծը։

Նա նստեց Շիրակից հեռու, սեղանի հանդիպակաց կողմում, որպեսզի վերջինս անընդհատ լիներ իր տեսադաշտում։ ՛Նա սովորական արտաքին ուներ. միջահասակ, նուրբ դեմքով, մազերը հետ սանրած, երկար բեղեր դեպի վեր ոլորած ծայրերով։ Ապստամբին հեշտությամբ կարելի էր հովվի հետ ծփոթել, քանի որ արևից և քամուց նրա մաշկը սևացել էր։ Սակայն նրա աչքերն այրվում էին ներքին կրակից, երիտասարդը լարված էր զսպանակի պես, և նվազագույն ցնցումը կարող էր այդ զսպանակը գործի դնել։

Տեր Խորենը նստեց սեղանի գլխին՝ Հաջի Հարութի դեմ դիմաց։ Կարիք չկար ճշտելու այդ հանդիպման նպատակը։ Բոլորին մտահոգում էր միայն մեկ հարց։ Նրանք միմյանց նայեցին։ Ո՞վ էր կոտրելու սառույցը։ Սովորաբար քահանան աղոթում էր, հետո ուսուցիչը հրապարակում էր օրակարգը։ Տեր Խորենը լուռ էր։ Նա հնարավորինս հետաձգում էր պահը, երբ մնացածներին պետք է հաղորդեր այն ամենը, ինչ լսել էր Ռոզլեր քահանայից։ Ինչ վերաբերում է Սարգիս Զորյանին, ապա նա ընկղմված էր իր ծոցատետրում արված խզբզոցների հայեցության մեջ։ Բոլորը հայացքները հառեցին խորհրդի նախագահ Հաջի Հարութի վրա։ Ավագը նստել էր իր աթոռի ծայրին, ձեռքերը դրել էր ձեռնափայտի գլխիկին և ճոճվում էր։ Քանի որ նա գրեթե կույր էր, ապա չէր նկատել, որ բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Բոլորին թվաց, որ Շիրակը խոսելու էր։ Սակայն նա իրեն զսպեց, գերադասելով հնարավորություն տալ մնացածներին իրենց կարծիքն արտահայտելու, որպեսզի ինքը հնարավորություն ունենար նրանց մասին կարծիք կազմելու և ծանոթանալու նրանց դիրքորոշմանը։

Լռությունը ծանրանում էր։ Նավապետ Արմենն իրավիճակը ծիծաղելի էր համարում։ Նա նախ մատները ճտճտացրեց, հետո գլուխը ձգելով՝ հերթով նայեց յուրաքանչյուրի դեմքին.

― Դե լավ, քանի որ ոչ ոք ոչինչ չունի ասելու, դադարեցնենք նիստը և գնանք աղոթելու,– հայտարարեց նա սրտնեղելով։

Ոչ ոք չարձագանքեց, և նա շարունակեց.

― Բառի՞ց եք վախենում։ Տեղահանություն։ Ահա, արտասանվեց։ Իսկ հիմա՝ ի՞նչ ենք անելու։

Արմենը նայում էր Շիրակին։ Հարցը փաստորեն հասցեագրված էր նրան։ Երիտասարդը անվրդով էր։ Զավենը, թևի կճատը սեղանին հենելով, կոկորդը մաքրեց։ Նա իրեն միշտ տեր ու տիրական էր զգացել Հալիսի ափին անհիշելի ժամանակներից իր տոհմին պատկանող հողերի վրա և չէր կարողանում հասկանալ, որ իրեն այդ հողերից ուզում էին քշել։ Նրա կարծիքով՝ փողը կարող էր ամեն ինչ կարգավորել։

― Մենք անկասկած զուր տեղն ենք անհանգստանում։ Տեղահանության հրամանը մեզ վախեցնելու ձև է։ Մեզ սկզբում վախեցնում են, հետո մի նոր հարկ են գանձում։ Դա գլխագնի պես բան է, որը մենք պատրաստակամությամբ վճարում ենք, և դեռ երջանիկ ենք լինում, որ այդքան էժան ենք պրծել։ Ես կվճարեմ այն ընտանիքների համար, որոնք ի վիճակի չեն։

Ուսուցիչն ու Արմենը հանդիմանական հայացք նետեցին նրա վրա։ Տեր Խորենն ազդվեց այդ միամտությունից, ուր նա նշմարում էր թեկուզ աննշան հույս պահպանելու հզոր մղում։ Դա ծխականների մի զգալի մասի դիրքորոշումն էր։ Նա սարսռաց մտածելով, որ նրանց լուսավորելու անշնորհակալ գործը իր ուսերին էր դրված։

Արան գլուխն էր քորում։ Նրա ադամախնձորը բարձրանում և իջնում էր.

― Ես Զավենի հետ համաձայն չեմ,– ասաց նա։– Սակայն ոչինչ չի վկայում, որ տեղահանության մասին հրամանը կկիրառվի Սվասում, ուր մենք, այնուամենայնիվ, երեսուն հազար ենք։

― Իսկ ինչո՞ւ չպետք է կիրառվի,– հարցրեց Արմենը հեգնական տոնով։

Արան, որի մականունն էր նաև «Կոչկիրի վարսավիր», չնայած, որ նա հեռացել էր այդ գյուղից մի տասը տարի առաջ Սվասում հաստատվելու համար, բազմաթիվ մահմեդական այցելուներ ուներ։

― Մենք այստեղ բազմաթիվ մահմեդական բարեկամներ ունենք, և նրանք այդ բանը թույլ չեն տա։ Դա կաղքատացնի քաղաքը և ամբողջ գավառը, և նրանք դա գիտեն։

― Նա իրավացի է,– համաձայնեց Զավենը։– Շրջանի տնտեսությանը հիմնականում մեզ վրա է հենվում։ Նրանք խիղճ չունեն, բայց խելոք են։ Թուրքերը կպաշտպանեն իրենց շահերը։

Արմենը, բարկանալով, ձեռքը սեղանին խփեց.

― Դուք կարծում եք, որ դա նրանց կկանգնեցնի՞։ Դուք կարճ հիշողություն ունեք։ Կարիք կա՞, արդյոք, որ ես թվարկեմ վերջին քսան տարիների ընթացքում մեզ պատուհասած անարդարություններն ու դժբախտությունները։

Շիրակը համաձայնության նշան արեց, որը շոյեց նավապետի ինքնասիրությունը։ Զավենը ծամածռվեց և ուսերը թոթվեց.

― Վիրավորանքներ մեր ժողովուրդը շատ է տարել, սակայն մենք դրանցից չենք մեռել։

― Վիրավորանքնե՞ր,– բացականչեց ուսուցիչը վրդովված։― Ադանայի երեսուն հազար զոհերը 1909 թ., 1894-95 թթ. երեք հարյուր հազար զոհերը, դուք դա վիրավորա՞նք եք անվանում։

Զավենը մեղավոր տեսքով գլուխը կախեց։ Քահանան հանդարտեցնող շարժումներ արեց։ Նա իրեն մեղավոր էր զգում, որ ստիպում էր իր բարեկամներին պարապ վեճեր վարել՝ ճշմարտությունը նրանց բացահայտելու փոխարեն։ Արան փորձեց ժամանակ շահել.

― Մեզ հավաստիացնում են, որ այդ տեղահանությունը ժամանակավոր միջոցառում է և որ...

Ուսուցիչը նրան ընդհատեց.

― Եվ որ նրանք մեզ նոր գյուղերում կտեղավորեն։ Ես ուսումնասիրել եմ քարտեզները։ Դու գիտե՞ս, թե ուր են նրանքուզում մեզ տեղափոխել։ Եփրատի ավազանի ճահիճները և Սիրիական անապատ, որից խուսափում են նույնիսկ քոչվոր բեդվինները։ Եվ, բացի դրանից, վերջ տուր «տեղահանության» մասին խոսել, մեզ ուզում են քշել։ Նույնիսկ ավելի վատ...

Սարգիս Զորյանը տեղեկացել էր իրավիճակին մեկ ժամ առաջ։ Նրա զարմիկներից մեկը «Քաջերի» ջոկատում էր և Շիրակ Թևոնյանը նրան էր դիմել ուսուցչի օգնությունը ստանալու համար։ Սարգիսն այժմ համամիտ էր ապստամբների ղեկավարի հետ և կողմնակից էր այն ծրագրին, որը վերջինս իրեն էր ներկայացրել։ Չորս ամսականից մինչև տասնհինգ տարեկան տասնմեկ երեխաների հայր լինելով, նա չէր կարողանում նրանց պատկերացնել Շիրակի նկարագրած մահվան քարավաններում։ Նա չէր ուզում նաև, որ իր աշակերտներն այդ բախտին արժանանային։ Եվ այդ պատճառով ուսուցիչը պատրաստ էր ամեն ինչի։

Իր անդամահատած ձեռքը մերսելով, Զավենը նորից հազաց։

― Հաջի Հարութ,– ասաց նա,– դուք գավառապետ Մումթազ բեյի մտերիմն եք։ Նա միշտ բարյացակամ է եղել հայերի նկատմամբ։ Դուք չէի՞ք կարող նրան հանդիպել։

Ավագի կնճռոտ դեմքն էլ ավելի թոշնեց, և ծխախոտից դեղնած բեղը բարձրացավ։ Նա դանդաղ էր խոսում, կարծես ամեն բառը կշռեր։

― Ժամանակները փոխվել են, իմ խեղճ Զավեն։ Մումթազ բեյը կորցրել է մայրաքաղաքի ղեկավարների վստահությունը և զորաշարժի ազատության չունի։

― Իսկ Ֆաքրի փաշա՞ն,– կրկին հարցրեց Զավենը գրեթե աղերսող ձայնով։– Նա արդարամիտ և լավ մարդ է։

― Չնայած նրան, որ փաշան շրջանի զորքերի հրամանատարն է, սակայն հրամանները Կոստանդնուպոլսից է ստանում։ Եվ քանի որ նա չի ցանկանա կորցնել գեներալի իր կոչումը...

Հաջի Հարութը բարձր հառաչեց և ավելացրեց հուսահատ ձայնով.

― Բարեկամներ, իրավիճակին շիտակ նայեք. մենք միայնակ ենք, մեն-մենակ։

Նա լռեց՝ շարունակելով գլուխը տմբտմբացնել։ Արան նշան արեց, որ ուզում էր խոսել։ Մտածելուց հետո նա ստիպված էր հրաժարվել իր լավատեսությունից։

― Հաջի Հարութը դժբախտաբար իրավացի է։ Իմ գործընկեր Հասանը՝ վարսավիր-թլփատողը, ինձ ասաց, որ Սվասում շատ նոր դեմքեր են հայտնվել, մայրաքաղաքից եկած գործակալներ։ Ոչ ոք ոչ մեկին չի հավատում։ Ըստ պաշտոնական կարգադրության՝ այն մահմեդականները, ովքեր կպաշտպանեն կամ կթաքցնեն հայերին, դատարանի առջև կկանգնեն։

Արմենը շուրջը նայեց. Արան ու Զավենը մռայլ էին, Հաջի Հարութը կարծես տխուր երազի մեջ էր ընկղմվել։ Դա իր բացատրությունն ուներ։ Սակայն ուսուցչի ու քահանայի վարքագիծը նրան անհանգստացնում էր։ Տեր Խորենը, որը փախցնում էր հայացքը, երեխայի էր նմանվում, որը պատրաստ էր իր մեղքը խոստովանելու։ Ինչ վերաբերում է Սարգիս Զորյանին, որը սովորաբար հանդարտ էր ու ծանրակշիռ, ապա նա չէր կարողանում աթոռին հանգիստ նստել, կարծես անհամբեր սպասեր ինչ-որ իրադարձության։ Այս երկուսն ինչ-որ բան էին թաքցնում։ Եվ Արմենը դիմեց հենց այդ երկուսին.

― Որևէ մեկը նոր տեղեկություններ չունի՞ մեզ հաղորդելու։

― Ես,– պատասխանեց Շիրակ Թևոնյանը։– Ես խոսք ես խնդրում։

Տեր Խորենը գլխով արեց։ Շիրակը մոտեցավ, հենվեց սեղանին և տասնհինգ րոպե շարունակ պատմում էր այն ողբերգության մասին, որ ապրում էին հայերը Անատոլիայի գրեթե ողջ տարածքում, ավերված գյուղեր, տեղահանվածների շարասյուններ, որոնք քայլում էին օրեր շարունակ առանց ուտելու և խմելու։ Նա բազմաթիվ, հաճախ մռայլ մանրամասներ էր վկայակոչում, որոնք անիմաստ էր համարել Վարղան Պալյանին հաղորդել։ Սամսունի եպիսկոպոսի ոտքերը մեխել էին, ինչպես ձիուն պայտելիս։ Սև ծովի առափնյա բնակիչներին նավ էին նստեցնում՝ խորքում խորտակելու համար։ Խարբերդի մոտ ոստիկանները հարյուրավոր կանանց և երեխաների ձորն էին նետել։ Այլուր տանջում էին, ողջակիզում, գնդակահարում։ Նրա ձայնը դողում էր զսպված կատաղությունից, իսկ ապշահար ունկնդիրների աչքերին արցունքներ կային։ Ժամանակ առ ժամանակ վրդովմունքի և զզվանքի բացականչություններ էին լսվում։ Չնայած իր վշտին, քահանան թեթևության էր զգում, որ ինքը ստիպված չէր բացահայտություններ անել։

Սարգիս Զորյանը Շիրակին էր լսում նույն վրդովմունքով, ինչ առաջին անգամ։ Երբ երիտասարդը լռեց, համատարած ընկճվածություն էր տիրում։ Այլևս հնարավոր չէր ինքնախաբեությամբ զբաղվել և հույսեր փայփայել։ Լսածը հազար անգամ ավելի սարսափելի էր, քան այն, ինչից իրենք թաքուն վախենում էին։ Նրանք տեսնում էին, թե ինչպես են ազգովի ընկղմված մղձավանջի մեջ, և յուրաքանչյուրը դողում էր իր սիրած էակների համար։ Արմենը չէր մտածում ոչ կնոջ, ոչ էլ իր մասին, այլ եկեղեցում սպասող Թովմասի և իրենից ձու գնող երեխաների մասին։

― Աստված լքել է մեզ,– մրմնջաց վարսավիրը մռայլ տոնով։

Քահանան նրան մեղմորեն հանդիմանեց, քանի որ այդ միտքն այցելել էր նաև իրեն։

― Արա, Արա։

― Ես իրավացի եմ,― բղավեց Արան։– Ինչո՞ւ է նա նման բան թույլ տալիս։ Իսկ դուք, որ նրա ներկայացուցիչն եք, ի՞նչ խորհուրդ կտաք մեզ։ Աղոթե՞լ։

Հաջի Հարութն իր գավազանը գետնին խփեց։

― Արա։ Այդպես չեն խոսում քահանայի հետ։ Եթե դու առաջարկ չունես, ապա լռիր։

― Իսկ դո՞ւք, Հաջի,– պատասխանեց վարսավիրը թունոտ ձայնով,– դուք ի՞նչ առաջարկ ունեք։

Ծերունին չպատասխանեց։ Արմենը մտածեց, որ նա նույնպես ցնցված էր այդ ամենից։ Նա սեղմեց վարսավիրի թևը նրան հանգստացնելու համար.

― Բղավելը չի օգնի։

― Ես վեց զավակ ունեմ,– շշնջաց Արան ու հեկեկաց։

― Երեխաներ կամ թոռներ բոլորս էլ ունենք,– պատասխանեց նավապետ Արմենը։

Սարգիս Զորյանը աղմուկով հրելով իր աթոռը՝ վեր կացավ։ Նրա աչքերն անսովոր կերպով փայլում էին։ Հանդիսավոր ձայնով նա հայտարարեց.

― Մենք պետք է դիմադրենք։ Հանուն մեր երեխաների։ Հանուն ծերերի, հանուն կանանց։

Հանկարծակիի եկած քահանան, վարսավիրը, Հաջի Հարութն ու Զավենը նրան նայեցին՝ չհավատալով իրենց ականջներին։ Ուրախանալով, որ վերջապես ինչ-որ մեկը գաղափար է առաջ քաշում, որը կարող էր որոշակի գործողության բերել, Արմենը հարցրեց.

― Դիմադրե՞լ։ Ինչպե՞ս։ Բացատրեք։

― Գաղափարը Շիրակ Թևոնյանինն է։ Լսենք նրան։

Շիրակը սկսեց շրջել սեղանի շուրջը։ Նա չէր պատրաստվում շարադրել ամբողջ Հայաստանի ազատագրման իր ծրագիրը։ Այս պարզունակ մարդիկ ոչինչ չէին հասկանում քաղաքականությունից, նրանք կարող էին հասկանալ միայն այն, ինչ անմիջականորեն իրենց էր վերաբերում։ Նա ոգեշնչվեց.

― Սվասում ամեն ինչ կորած չէ։ Հարկավոր է կազմակերպել հայկական թաղի պաշտպանությունը, բարիկադներ կառուցել, զենք վերցնել։ Ես ձեզ կօգնեմ իմ մարդկանց հետ միասին։ Նրանք արդեն թափանցում են քաղաք։

Արմենը կզակն էր տրորում և հաշվարկում հաջողության հասնելու իրենց հնարավորությունները։

― Զե՞նքը...

Զավենը նրան ընդհատեց.

― Դա խելահեղություն է։

Ուսուցիչը դիմելով հարուստ հողատիրոջը մարտաշունչ վրա տվեց.

― Ի՞նչ ես անելու։ Թողությո՞ւն ես գնելու։ Մահմեդականությո՞ւն ես ընդունելու մաշկդ փրկելու համար։

Զավենի կլոր դեմքը շիկնեց, նա իր կճատը մեկնեց Սարգիս Զորյանի ուղղությամբ և ոռնաց.

― Ես քեզ արգելում եմ։ Չգիտեմ, թե ինչն է ինձ զսպում, որ ես քեզ...

― Զավակներս, գավակներս,– մրմնջաց քահանան։– Հանգստացեք։ Վեճերի ժամանակը չէ։

Ուսուցիչը նստեց, Զավենը խորը շունչ քաշեց հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար։

― Ես հասկանում եմ Զավենին,– ասաց քահանան։– Նա անհաջող ձևակերպեց իր միտքը, սակայն նա չի սխալվում։ Դիմադրելն անիմաստ է։

Հաջի Հարութն ու Զավենը պաշտպանեցին քահանայի տեսակետը։ Արմենը կարծես ներկա չլիներ, նա չէր արձագանքում։

― Միգուցե և խելահեղություն է,– ասաց Արմենը հեղինակավոր ձայնով,– սակայն մենք իրավունք չունենք ձեռքի մեկ շարժումով այն մի կողմ դնել։ Հարկավոր է քննարկել առաջարկությունը։

― Վերջապես խելամիտ մի խոսք,– ասաց ուսուցիչը։

Քահանան ընդդիմացավ.

― Հիշեք, որ բռնությունը բռնության է ծնում։ Եթե ապստամբենք, ապա կհաստատենք, որ կայսրության թշնամիներն ենք և կհեշտացնենք նրանց գործը։ Բանակը մեզ կջախջախի։

Շիրակը կանգնեց Հաջի Հարութի աթոռի հետևում, և ձեռքերը դրեց աթոռի թիկնակին։

― Հայր իմ,― ասաց նա,― դուք ինչ էլ անեք, միևնույնն է, մի քանի օրից ձեզ քշելու են այստեղից։ Զորքը գալիս է Սվաս ձեզ դեպի դժոխք ուղեկցելու համար։

― Դժոխք... Միևնույն է,― ասաց քահանան։― Իսկ այստեղ հետո դժոխք չի՞ լինելու։ Երկարատև պաշարում, վիրավորներ, զոհեր, սով, համաճարակ։ Մտածեք կանանց ու երեխաների մասին։

― Դա ավելի լավ է, քան տեղահանությունը,― ասաց ուսուցիչը ողբերգական ձայնով։– Ես կգերադասեմ տեսնել, թե ինչպես են իմ զավակները մեռնում գնդակից աչքիս առաջ, քան իմանալ, որ նրանք քարշ են գալիս ճանապարհներին և մեռնում սովից, ծարավից և ուժասպառությունից, կամ էլ շունչ են փչում ոստիկանի մտրակի հարվածների տակ։

― Դու սխալվում ես,― պատասխանեց քահանան։― Ապստամբության հետևանքով սկսված ճնշումները սարսափելի կլինեն և մեզնից ոչ մեկը կենդանի չի մնա։ Սվասի հայության լիակատար ոչնչացում է դա նշանակում։ Նույնիսկ եթե տեղահանության պայմանները անմարդկային լինեն, ապա, միևնույն է, բոլորը չեն մեռնի։ Դու չէի՞ր գերադասի, որ քո երեխաներից ոմանք ողջ մնային հիշատակդ կենդանի պահելու համար։

Ուսուցիչը մտածում էր։ Քահանայի փաստարկները Արմենին նույնպես ստիպեցին տատանվել։ Տեր Խորենը շարունակեց խուլ ձայնով՝ դիմելով ժողովի բոլոր մասնակիցներին։ Այն խոսքերը, որ նա արտասանում էր, իրեն ցավ էին պատճառում։

― Հիմա ամեն ինչ պարզ է։ Նրանք ուզում են ոչնչացնել մեր ժողովուրդը։ Վերապրելուց բացի մենք այլ խնդիր չունենք։ Ցանկացած գնով։ Եթե ուզում ենք, որ վաղը նոր բերք լինի, ապա չպետք է թույլ տանք, որ բոլոր սերմերը ոչնչանան։ Յուրաքանչյուրի պարտքն է ողջ մնալ։ Եվ եթե դրա համար անհրաժեշտ կլինի ուրացող ձևանալ, ապա Աստված մեզ կհասկանա։

― Տեր Խորեն,– բացականչեց վրդովված Հաջի Հարութը.– դո՞ւք եք խոսում ուրացման մասին։ Հոգևոր կյանքն ավելի կարևոր է, քան մարմնականը։ Ավելի լավ է հետևել Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի օրինակին, քան մերժել Ավետարանը։

― Եթե երկինքը լցվի հայ մարտիրոսներով, ապա ո՞վ պետք է աղոթի Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Աստվածամորը Անատոլիայում։

― Ես գտնում եմ, որ դուք շատ հեռատես եք, Տեր Խորեն,― ասաց Հաջի Հարութը և Շիրակի կողմը շրջվելով՝ շարունակեց.― Ես գերադասում եմ այս երիտասարդի խոսքերը։

Գոցեստից ոգևորվելով, Շիրակը դարձյալ սկսեց քայլել՝ թևերը թափահարելով։ Նրա դեմքին ժպիտ հայտնվեց, և նա հանգիստ էր ձևանում։

― Իմ բարեկամ Սարգիս Զորյանը պատրաստ է կռվելու, քանի դեռ Սվասում գեթ մեկ ողջ հայ կմնա, իսկ Տեր Խորենն արդեն տեսնում է, թե ինչպես ենք մենք բոլորս դավանափոխ լինում։

Նա ձեռքի շարժումով լռեցրեց երկու հիշատակված տղամարդկանց, որոնք փորձում էին բողոքել, և շարունակեց.

― Ես զարմանում եմ, որ նրանցից ոչ մեկը չի էլ մտածում, որ մենք կարող ենք հաղթել։ Սյլուր հայերը դիմադրել են և հաջողության են հասել։

― Կարող է պատահել...– համաձայնեց Տեր Խորենը մռայլ ձայնով,― սակայն դա հրաշք է։

Նավապետ Արմենը բռունցքով հարվածեց իր ձեռքին.

― Ոչ, հրաշք չէ։ Հիշեք ասացվածքը. նախ՝ ինքդ օգնիր քեզ, եթե ուզում ես, որ Աստված քեզ օգնության գա։ Հիշեք զեյթունցիներին։ Շիրակն իրավացի է, չի կարելի թույլ տալ, որ քեզ մորթեն ոչխարի պես։

Ոգեշնչվելով՝ Շիրակը շարունակեց.

― Մենք կհաղթենք։ Վանում հայերը մեկ ամիս շարունակ դիմադրեցին օսմանյան զորքերին և լեռնցի վարձկաններին, և, ի վերջո, ռուսները նրանց օգնության եկան։ Հիմա նրանք ազատ են, և Վանում տեղահանություններ չկան։

Այդ խոսքերը կարծես չէին համոզել Հաջի Հարութին և նա ժխտական նշաններ էր անում.

― Ռուսներն այստեղից հեռու են։ Քանի՞ կիլոմետրի վրա են, Սարգիս։

― Դե... Ավելի քան վեց հարյուր,– կմկմաց ուսուցիչը՝ սրտնեղելով այդ հարցից։

Զավենն ուսերը թոթվեց.

― Էհ։ Իսկ ըստ տեղեկությունների նրանք նահանջում են։

― Մենք մենակ էլ գործը գլուխ կբերենք,– հաստատեց Շիրակը։– Շրջանում ես շատ «քաջեր» ունեմ։ Մենք բոլորս այստեղ կհավաքվենք, մենք հրացաններ ունենք և արիություն։ Սակայն անհրաժեշտ է, որ ողջ բնակչությունը մեր օրինակին հետևի։ Դուք՝ ավագանին և աչքի ընկնող քաղաքացիներդ պետք է նրանց համոզեք։

― Ի՞նչ պետք է նրանց համոզենք,– համբերությունը կորցրեց քահանան։,― Բանակի համար թիրա՞խ ծառայել։

― Ճիշտ է,― համաձայնեց Զավենը։– Սվասում մեծ զորամաս կա, իսկ թուրք ագգաբնակչությունը կօգնի բանակին։ Եվ վերջապես, զուր ժամանակ ենք վատնում. մենբ ընդամենը մի փոքր ծխի խորհուրդ ենք։ Նույնիսկ լրիվ կազմով չեք։ Մենք ոչինչ չենք կարող որոշել։

Արմենը փորձում էր հստակ պատկերացնել, թե ինչ էր պետք անել։ Այնքան բան պետք էր նախապատրաստել՝ սննդամթերք, դեղորայք, ապաստարաններ արկերի դեմ, պետք էր որոշել, որ փողոցները փակել, որտեղ պահակներ դնել։ Ամեն անգամ, երբ նա պատասխան էր գտնում, նոր խոչընդոտներ էին հայտնվում։ Քանի որ թաղամասը շատ բաց էր, այն շատ դժվար էր պաշտպանել։ Եվ նրա մտքում կասկած ծագեց, որը նա փորձում էր վանել։

― Բարդությանն այն է, որ մենք զենք չունենք,– ասաց նա՝ կաարծես պատասխանելով մի հարցի, որը ձևակերպել էր մտքում։– Ես չեմ խոսում գնդացիրների կամ թնդանոթների մասին, նույնիսկ հրացաններ չունենք։

Շիրակը պատրաստի պատասխան ուներ.

― Բանակն այստեղ զինամթերքի շատ մեծ պահեստ է ստեղծել։ Մենք կհարձակվենք զինանոցի վրա։ Նույնիսկ եթե այն լավ է պահպանվում, միևնույն է հարձակման անսպասելիությունը մեր օգտին կլինի։

― Մայոր Վարդանը կարող է մեզ օգնել։ Նա ծանոթ է այդ վայրին։

Այդ անունը հնչելուն պես Շիրակի դեմքին դժգոհություն հայտնվեց, որը չվրիպեց նավապետ Արմենի ուշադրությունից և անհանգստացրեց նրան։ Նա պնդեց.

― Մենք մայոր Վարդանի կարիքն ունենք։ Միայն նա կարող է ասել՝ հաջողության հասնելու հույս ունենք, թե ոչ։

― Մենք ժամանակ չունենք խորհրդակցելու բոլորի հետ, մայոր լինի, թե ուրիշ մեկը։ Անհրաժեշտ է ծրագիր կազմել և գործի անցնել հենց այս գիշեր։

Շիրակի մի քիչ կոպիտ պատասխանը Արմենին կասկած ներշնչեց։ Նա չմասնակցեց այն աղմուկին, որը սկսվեց այդ խոսքերից հետո։ Արան, սթափվելով, բռնեց Շիրակի կողմը։ Զավենը դեռևս տատանվում էր և գգույշ լինելու կոչ էր անում։ Քահանան այդ արկածախնդրությունը խելահեղ էր համարում։

― Յուրաքանչյուր վայրկյանը հաշվված է,― հաստատեց Սարգիս Զորյանը՝ լռություն պահանջելով։– Ահա թե ինչ կանենք մենք։

Նա գրպանից թուղթ հանեց, բացեց և, հարթեցնելով, փռեց սեղանին; Զինանոցի շրջակայքի իր գծած քարտեզն էր։ Շիրակ Թևոնյանը նայում էր նրա ուսի վրայից։

― Մոտեցեք,– ասաց ուսուցիչը մնացածներին։

Հաջի Հարութը նշան արեց, որ նստած մնան։ Նա բարձրացրեց ցուցամատը։ Նրա ձեռքը դողում էր, սակայն ձայնը կորցրել էր սովորական դողդոջը։ Նա դիմեց Սարգսին ու Շիրակին։

― Նախ, պատասխանեք մի հարցի։ Եթե դիմանանք երկու-երեք ամիս տևող պաշարմանը, ինչի՞ կհասնենք։

Շիրակն ու Սարգիսը միմյանց նայեցին՝ պատասխան փնտրելով։ Ավագը շարունակեց.

― Երբ սպառվի զինամթերքը, սննդամթերքը, ապա ոչ ոք մեզ օգնության չի գա։ Ռուսական բանակի հարձակումը կասեցվել է, ֆրանսիացիները, անգլիացիները հեռու են։ Մենք մեկուսացված ենք։ Շրջափակված։

Հաջի Հարութի խոսքերը սթափեցնող ազդեցություն ունեցան ժողովի մասնակիցների վրա։ Զսպելով իր անհամբերությունը՝ ուսուցիչը խոսեց այնպես, ինչպես խոսում էր իր աշակերտի հետ, երբ նրանք չէին հասկանում ակնհայտ բաներ.

― Մենք կմտածենք։ Հաջի Հարութ, իսկ դուք ի՞նչ լուծում եք առաջարկում։

― Ոչ մի լուծում,– համաձայնեց ավագը։– Ես չեմ ասում, որ դուք սխալվում եք, սակայն ձեր շտապողականությունն ինձ անհանգստացնում է։

Ավագը բարձրաձայնեց այն, ինչի մասին մտածում էր Արմենը, որն ավելացրեց.

― Տեղահանությունը մի քանի ժամից չի սկսվելու։ Պետք է լրջորեն մտածել։ Հարկավոր է այս ամենի մասին հայտնել Սվասի մեծ խորհրդին։

― Ես հենց դրա մասին էի խոսում,– հաստատեց Զավենը

― Ես համաձայն եմ նավապետ Արմենի և Զավենի հետ,– ասաց Տեր Խորենը։ Մենք պետք է խորհրդակցենք այլ ծխերի քահանաների և խորհուրդների հետ, լսենք նրանց, ովքեր մայոր Վարդանի պես մեզ կարող են լրացուցիչ տեղեկություններ հաղորդել։

― Դարձյա՞լ հապաղենք,– դժգոհեց ուսուցիչը, որը գործի անցնելու կարիք էր գզում։

― Դու ուզում ես, որ մենք յոթ հոգո՞վ վճռենք Սվասի մեր բոլոր համաքաղաքացիների ճակատագիրը,– զարմացավ Արմենը։― Ի՞նչ իրավունքով։

Սարգիս Զորյանը միշտ եղել էր ժողովրդավարության ջատագով, և Արմենի հարցը նրան հանկարծակիի բերեց։ Նա այլայլվեց և, ժխտական շարժում անելով, փլվեց աթոռին։ Շիրակը սեղմեց բռունցքները, նա միայնակ էր մնացել։

― Ուրե՞մն,– հարցրեց նա՝ զննելով իրեն նայող մարդկանց դեմքերը։

Հաջի Հարութը նայեց մնացաածներին։ Նա նրանց բավականաչափ լավ էր ճանաչում, որպեսզի հասկանար, որ հասունացել էր համաձայնության գալու պահը։

― Մենք կհավաքենք մեծ խորհուրդը և քաղաքի ազդեցիկ մարդկանց հենց այսօր՝ կեսօրին,― ասաց նա։ Մինչ այդ գնանք աղոթելու, որ Տերը մեզ լուսավորի։

Նա դժվարությամբ ոտքի կանգնեց՝ հենվելով գավազանին և աթոռի մեջքին և դրանով ազդարարեց քննարկման ավարտը։ Շիրակը գլխով արեց։ Նա թշնամանք չէր զգում նրանց հանդեպ, միայն խղջահարություն։ Այս մարդիկ Սվասի բնակչության տիպարն էին և եթե փորձեր կապվել այլ խմբերի հետ, ապա կլսեր նույն կարծիքները, նույն վարքագծին ականատես կլիներ։ Նրանց պետք էր կանգնեցնել կատարված փաստի առջև, որպեսզի նրանք միանային այնպիսի գործողություններին, որոնք դուրս էին առօրեականություններից։ Հարկավոր էր նրանց փրկել իրենց կամքին հակառակ։

― Ես գիտեմ, թե ինձ ինչ է մնում անել,– ասաց նա՝ քայլերը դեպի գերեզմանատուն տանող դուռը ուղղելով։

Սարգիսը փորձեց հետևել նրան, սակայն Շիրակը նրան կասեցրեց։

― Մեր պայմանավորվածությունը չի փոխվում, ես քեզ կսպասեմ պատարագից հետո։

Ուսուցիչը մոտեցավ Տեր Խորենին և օգնեց նրան պատարագի հանդերձանքը հագնել։

― Հույս ունեմ, որ մենք չենք զղջա այս որոշման համար,– մրմնջաց նա։

Ոչ ոք չարձագանքեց։

✻    ✻



Թովմասը, հոգնելով Արմենին սպասելուց, մոտեցել էր ավազի մեջ տնկված մոմերին և հանգցնում էր մարող մոմերը։ Երբ կնքահայրը դուրս եկավ ավանդատնից, նա շտապ վերադարձավ իրենց նստարանի մոտ՝ թաքցնելով մոմով պատված մատերը։ Նա միակ երեխան էր տղամարդկանց հատկացված մասում՝ միջանցքի աջ կողմում։ Մնացած երեխաները նստած էին կանանց հետ եկեղեցու նավի ձախ կեսում։ Նավապետ Արմենը ծնկի իջավ Թովմասի կողքին և, դեմքը ափերի մեջ առնելով, փորձեց մեկուսանալ, իսկ Թովմասը երազկոտ տեսքով փորձում էր եկեղեցու սալահատակը ծածկող լաքաները նմանեցնել հեքիաթային կենդանիների։

Արմենը տոգորված էր անկարողության զգացումով և չէր կարողանում աղոթել։ Շիրակի նկարագրած ջարդերը վերակենդանացրել էին այն իրադարձությունները, որոնք նա փորձել էր ջնջել իր հիշողությունից. կապը կտրած ամբոխի դաժանությունն ու նենգությունը, հոշոտված մանուկների, գլխատված տղամարդկանց, այլանդակված կանանց դիերը։ Մի՞թե ոչինչ չէր կարելի անել, որպեսզի դա չկրկնվեր։ Նա իր կյանքն արդեն ապրել էր և պատրաստ էր իրեն զոհաբերել երիտասարդներին փրկելու համար, նրանց, ում Տեր Խորենը անվանեց ապագայի սերմնացան։ Որքան մտածում էր, այնքան Շիրակի և Սարգիս Զորյանի ծրագիրը անիրականալի էր թվում։ Իսկ Սվասի աչքի ընկնող քաղաքացիների ժողովը ոչ մի էական բան տալ չէր կարող։ Բացի դրանից, նրան հուսահատեցնում էր Տեր Խորենի ինքնաբացարկը՝ «ամենքն իր համար», որ նա հայտարարեց քողարկված ձևով։ Դա նրան բնորոշ չէր։ Բոլոր փորձությունների ժամանակ նա հավատ և հոգեկան ուժ էր ցուցաբերել։ Քահանայի բարոյալքությունը պատճառաբանված էր, ուստի իրավիճակը պետք է որ հուսահատական լիներ։ Որպես նախկին ձկնորս՝ Արմենը մտածեց, որ հորիզոնը պատել են փոթորիկ գուշակող ամպերը և որ իրենք չէին խուսափելու տառապանքից։ Նա Թովմասի ձեռքն իր ափի մեջ վերցրեց։

Լի օրվա պատարագի համար սովորականից շատ մարդ էր եկել եկեղեցի։ Կանայք և երեխաներ, սակայն կային նաև տղամարդիկ, որոնք փակել էին իրենց խանութները։ Նրանք աղոթքի հանդարտեցնող ազդեցության կարիքն ունեին և մտածում էին, որ կողք կողքի կանգնելով միմյանց կլիցքավորեին։ Վերջին նստարանին նստած էին Շիրակի հետ եկած տղամարդկանցից ութը, մեկը հսկում էր գերեզմանատունը, իսկ մյուսը բարձրացել էր զանգակատուն։ Նրանք գիշերով Սվաս էին եկել և թաքնվել վստահելի բարեկամների մոտ, ուր թողել էին իրենց հրացաններն ու փամփշտակալները, և հիմա զինված էին միայն հագուստի տակ թաքցրած ատրճանակներով։ Մնացածները պետք է նրանց միանային մութն ընկնելուն պես։ Նրանցից ոմանք աղոթում էին, ոմանք էլ ննջում։

Եկեղեցու շուրջը պտտվելուց հետո Շիրակը ներս մտավ։ Նա պայմանավորվել էր, որ դուրս էր գալու Սուրբ Մինաս եկեղեցուց ուսուցչի հետ միասին՝ խառնվելով հավատացյալներին։ Նա կանգնած էր եկեղեցու հետնամասում գտնվող պատշգամբի մութ անկյունում, որը կիրակի օրերը զբաղեցնում էր երգչախումբը, և զննում էր ներկաներին։ Գլխաբաց տղամարդիկ, գլխաշորերով կանայք, երեխաների անդադար շարժվող գլուխներ։ Կորացած ուսեր, հուսալքված ուրվագծեր։ Նա հանկարծ գիտակցեց, թե որքան էր սիրում այդ մարդկանց՝ իր ժողովրդին։ Մինչ այդ ինքը կռվել էր գաղափարների համար, անկերպարան նպատակի համար։ Մարդիկ նրա համար ավելի քիչ նշանակություն ունեին, քան նպատակը։ Հանկարծ նա հիշեց, արհեստանոցում աշխատող հորը, որն օրեցօր, տարեցտարի կրկնում էր նույն շարժումները։

Այդ պահին հայրը Շիրակին ավելի մոտ թվաց, քան այն ժամանակ, երբ իրենք աշխատում էին նույն սենյակում։ Նա ցանկություն զգաց նրան գոկել, իր սերն արտահայտել, անել այն, ինչ նա երբեք չէր արել։ Պատարագից հետո ինքը կխոսի այս ամբոխի հետ, երևակայելով, որ հայրը նրանց մեջ է։ Նա դեռևս չգիտեր, թե ինչ էր մնացել նրանց ասելու։ Նա անհավատ էր, նրա համար կրոնը զուտ մշակութային երևույթ էր, որը համախմբում էր հայ ժողովրդին և ծառայում էր նրա ազգային նպատակներին։ Նա հույս էր փայփայում, որ այս ծիսակատարության ընթացքում հրաշք տեղի կունենքր՝ ներշնչում, կամ հայտնություն։ Ավանդատանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո Շիրակը հարցականի տակ էր առել դիմադրության իր ծրագիրը, որին այս քաղաքում ոչ ոք չէր անդամագրվի։ Ավանդատնից դուրս գալիս նա ստել էր. նա այդքան էլ լավ չէր պատկերացնում, թե ինչ պետք է արվեր։ Նա մտքում մի աղոթք մրմնջաց, որը նրա հիշողության մեջ հայտնվեց մանկության կցկտուր հիշողությունների հետ միասին։

Տեր Խորենը, վեղարը գլխիին, մտավ եկեղեցի։ Նրան էին հետևում Սարգիս Զորյանը և մի պատանի։ Փոքրավորն ու սարկավագը կրում էին կարմիր ժամաշապիկներ, որոնք քահանայի շուրջառի պես զարդարված էին ոսկեթել նախշերով և խաչերով։ Ուսուցչի ուսին դրված փորուրարը վկայում էր, որ նա սարկավագ էր։ Միգուցե Սարգսի վրա Աստծու երանություն էր իջել, քանի որ նա հանգիստ ու անվրդով էր։ Տեր Խորենը նույնպես հանգիստ էր, և նրա դեմքն այլևս հուսահատություն չէր արտահայտում։ Երկու տղամարդն էլ վստահ տեսք ունեին, և պատարագի ծեսի անդրդվելի ընթացքը հավատացյալներին շարունակականության մնայնության զգացում էին ներշնչում։ Քահանան ճոճեց բուրվառը և ծնկի իջնելով բեմի առջև, ուր կանգնած էր Սուրբ սեղանը, միալար ձայնով սկսեց շարական երգել, իսկ հավատացյալները ձայնակցեցին նրան։ Տեր Խորենի սկզբում դողդոջուն ձայնը կամաց-կամաց ամրացավ։ Նրան նորից համակել էր հավատքն առ Արարիչ, և նա պատրաստ էր անմնացորդ ենթարկվելու նրա կամքին։ Չնայած դրան, նա չէր կարողանում ազատվել այն մտքից, որ հաղորդության խորհուրդը, որ ինքը պետք է մատուցեր, հիշեցնում էր Խաչելությանը նախորդող Խորհրդավոր ընթրիքը։

Տեր Խորենն աստիճաններով բարձրացավ մինչև Սուրբ սեղանը, ուր այրվում էին տասներկու առաքյալներին խորհրդանշող նոմեր։ Փոքրավորը քաշեց ոսկեթել, մեծ խաչերով զարդարված բեմի թավշյա կարմիր վարագույրը, որպեսզի հավատացյալները չտեսնեին, թե ինչպես էր քահանան նախապատրաստում Սուրբ սեղանը։ Երեք երգեցող առանց հրավերի սպասելու անցան բազրիքից այն կողմ և մի քիչ խորքում՝ դասում կանգնեցին։ Նրանք մի շարական երգեցին։ Այս մարդիկ երգում էին միայն կիրակնօրյա երգչախմբում, քանի որ շաբաթվա ընթացքում աշխատում էին։ Ինչ-որ մեկը նստեց ֆիսհարմոնիայի դիմաց, և այսպիսով ծիսակատարությունը նմանվեց կիրակնօրյա պատարագի։

Բազրիքի մոտ դրված գրքակալի մոտ կանգնելով՝ Սարգիս Զորյանը սկսեց օրվա ավետարանական ընթերցումը։ Պատահականության բերումով, որը ոմանք ընկալեցին որպես չարագուշակ նախանշան, Սուրբ Մատթեոսի ավետարանի հատվածը պատմում էր Հովհաննես Մկրտչի սպանության մասին։ Իսկ Սուրբ սեղանի աջ կողմում փակցված սրբապատկերը ներկայացնում էր Նախավկային Քրիստոսին մկրտելիս։ Այդ ընթերցանության ընթացքում Շիրակի գլխում գաղափար ծագեց։ Ընտրովի սպանություն։ Ինքը կգլխատի օձին, այսինքն տվյալ դեպքում կվերացնի Սվասի օսմանյան վարչակազմը։ Կազմալուծելով թշնամուն, նա կհետաձգեր տեղահանությունը և քաղաքի հայերին կստիպեր դիմադրելու։ Սարկավագը կարդում էր «Եվ նրա գլուխը բերվեց սկուտեղով ու տրվեց աղջկան» բառերը, երբ նավի հետևի մասում մեկը ճչաց.

- Ոստիկանները շրջապատում են եկեղեցին։

✻    ✻



Մարոն անգործության էր մատնված։ Այն երեխաները, որոնց նա անվճար ֆրանսերեն էր սովորեցնում և դաշնամուրի դասեր էր տալիս, նախորդ օրը չէին եկել դասի, քանի որ ծնողները չէին համարձակվել նրանց մենակ դուրս թողնել տնից։ Այսօր նույնն էր լինելու։ Նա գոհ էր, քանի որ ի վիճակի չէր դաս անցկացնելու։ Բարեգործական ձեռնարկները, որոնց մեջ նա գործուն մասնակցություն էր ցուցաբերում, ընդհատվել էին, և կամավորները նախ և առաջ իրենց մտերիմների մասին էին հոգում։ Մարոն բազմաթիվ աղքատ ընտանիքներ էր ճանաչում, որոնք, անկասկած, մթերքի և դրամի կարիք կունենային կառավարության կողմից իրենց պարտադրված երկար ճանապարհորդության համար, սակայն չէր կարողանում իրեն ստիպել նրանց այցելելու։ Դյուրի՞ն դարձնել նրանց մեկնումը, մինչդեռ ինքը չէր վտարվելու Սվասից։ Իհարկե, եթե հրամանը զինվորականների ընտանիքների մասին չէր փոխվել։ Ինչպիսի տագնապով պետք է, որ յուրաքանչյուր հայկական ընտանիք նախապատրաստվեր տեղահանությանը... Իսկ այս տանը պատրաստվում էին ծննդյան տարեդարձի տոնակատարությանը։ Եթե Վարդանի վճիռը չլիներ, ինքը չէր նշի երեխայի ծնունդը։

Զեյնաբը ու Ջամիլան երգելով փայլեցնում էին ճաշասենյակի հատակը։ Նրանք լսել էին, թե ինչպես է սուրհանդակը հայտարարում հայերի տեղահանության մասին, իսկ շուկայում թուրք առևտրականները քննարկում էին այդ հարցը իրենց այցելուների հետ։ Աղջիկները նույնպես քննարկել էին այդ հարցը և փորձել էին բացատրության գտնել, թե ինչու էին մարդիկ վատ վերաբերվում այն մարդկանց, որոնց իրենք հյուրասեր և խաղաղ էին համարում։ Ոչինչ չէր կարելի անել, և կառավարության այդ որոշումը նրանց անհասկանալի էր թվում։ Նրանց համար կարևորն այն էր, որ Պալյանների ընտանիքը մնում էր Սվասում մայորի դիրքի շնորհիվ։ Մնացածը նրանց չէր վերաբերում։

Մարոն մորը խոհանոցում գտավ։ Խոհանոցի սեղանի մոտ նստած նա կտրատում էր գառան միսը։ Նրա կողքին դրված էր սուրճի նստվածքով գավաթը։ Ազնիվ խանումը մեծ քանակությամբ սև սուրճ էր խմում, և դա նրան բոլորովին չէր անհանգստացնում։ Քթախոտը և սուրճը միակ շռայլությունն էին, որ նա իրեն թույլ էր տալիս։ Մնացած հարցերում շատ զուսպ լինելով՝ նա, այնուամենայնիվ, խրախուսում էր, որ իր ընտանիքի անդամները վայելեին այն բոլոր բարիքները, որոնք, իր խոսքերով, Աստված իրենց էր պարգևում։ Նա ճշգրտորեն պահում էր Մեծ պահքի քառասուն օրերը և դրանից դուրս էլ միս շատ քիչ էր ուտում՝ բավարարվելով հացով, պանրով, բանջարեղենով և մածնով։ Սակայն այդ ժուժկալությունը նրան չէր խանգարում համեղ ուտեստներ պատրաստել իր ընտանիքի համար։

Մարոն իր օգնությունն առաջարկեց։

― Ոչ, պետք չէ,― պատասխանեց մայրը ցրված տեսքով։– Ես ամեն ինչ կանեմ փոքրիկների օգնությամբ։ Դու գործ կունենաս։

Չնայած մոր ժպիտին և սիրալիր տոնին, Մարոն հասկացավ, որ իրեն վտարում են սրբավայրից։ Անատոլիայի բոլոր մայրերը ամուսնուն կորցնելուց հետո տեղափոխվում էին իրենց զավակներից մեկի մոտ և իրենց պարտքն էին համարում վարել նրանց տնտեսությունը։ Ազնիվ խանումը բացառություն չէր կազմում, և դա նրա և Մարոյի շարունակական ընդհարման պատճառ էր։ Եվրոպական սկզբունքներով դաստիարակված լինելով՝ Մարոն ծիծաղելի էր համարում այդ ավանդույթը։ Միգուցե այն իմաստ ուներ հարուստ մահմեդականների ընտանիքներում, ուր պետք է մեկը լիներ, որը կկարգավորեր բազմաթիվ կանանց մրցակցությունը, կդաստիարակեր արյունակից քույրերի ու եղբայրների բազմությունը և կկազմակերպեր ծառայողների ամբոխի աշխատանքը։ Սակայն այս տանը... Վարդանն ու Մարոն չէին ուզում իրենց հարկի տակ բնակվող աղախիններ ունենալ, որոնց կարիքը սակայն զգացվում էր այդ մեծ տանը։ Ոչ այն պատճառով, որ փողն էին խնայում, այլ իրենց մտերմությունից չզրկվելու համար։ Շաբաթը մի քանի անգամ գալիս էին տնային աշխատողներ, իսկ ուրբաթ օրերը՝ լվացարարուհին իր դուստրերի հետ, և սպիտակեղեն էր լվանում։

Մարոն մոտեցավ քրտնած կողերով կավե ամանին և բաժակը դրեց ծորակի տակ։ Ջուրը դեռ սառն էր և նա երկու բաժակ խմեց մոր մոտ վերադառնալուց առաջ։ Նա ուզում էր նրան հիշեցնել, որ տանտիկինն ինքն էր.

― Չմոռանաք, որ հրավիրված են նավապետ Արմենն ու նրա կինը։

― Ամեն ինչ հաշվի է առնված։

― Ուզում եմ, որ սեղանը տոնական տեսք ունենա։ Ասեղնագործած վուշե սփռոց... արծաթե սպասք... կապույտ ճենապակուց սպասք։ Եվ մենք կբացենք Ֆրանսիայից բերված բուրգունդյան գինին։

Ագնիվ խանումը ձայնը բարձրացրեց.

― Քեզ չի՞ թվում, որ դու չափազանցնում ես։ Այս հանգամանքներում...

― Հակառակը, փորձանքի առջև գլուխը պետք է բարձր պահել։

― Ի՞նչ Ես ուզում դրանով ապացուցել։ Հույս ունես դժբախտության առաջն առնե՞լ,– հեգնանքով հարցրեց Ազնիվ խանումը ուսերը թոթվելով։

Մարոն աթոռը քաշեց ու նստեց սեղանի մոտ։ Այլ հանգամանքներում նա մորը կպատասխաներ և զգալ կտար նրան հարգանքով, սակայն վճռականորեն, որ ինքն այլևս փոքր աղջիկ չէր, որին կարելի էր վարքագիծ թելադրել։ Իսկ Ազնիվ խանումը փաստարկներ կներկայացներ իր դիրքորոշումը պաշտպանելով, սակայն ի վերջո կզիջեր։ Դա գրեթե արարողություն էր դարձել նրանց հարաբերություններում, որը սկիզբ էր առել դստեր պատանելությունից ի վեր։ Մարոն հառաչեց և հոգնած ձայնով ասաց.

― Ի՞նչ է, կարծում եք, ես տոն կազմակերպելու տրամադրությո՞ւն ունեմ։ Սակայն Թովմասի վեց տարին է լրանում, և ես կուզենայի, որ նա հաճելի հիշողություններ պահպաներ այս տարեդարձի մասին։ Սննք արդեն իսկ հրաժարվել ենք մանկական հավաքից։

Ազնիվ խանումը գլխով համաձայնության նշան արեց։ Երբ խոսք էր բացվում միակ թոռան մասին, ամեն ինչ փոխվում էր։ Նա, որ Մարոյի հետ շատ խիստ էր եղել, կատարում էր Թոովմասի բոլոր քմահաճույքները։ Երազում էր, որ նա արտակարգ ճակատագիր ունենար։ Ճակատագիր... Ազնիվ խանումը մի խոսք հիշեց՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Նա հոնքերը կիտեց։

― Դու նրան բացատրե՞լ ես, թե ինչ է կատարվում,― հարցրեց նա։

― Ոչ։

― Պետք է ասել։ Այո երեխան չափից ավելի գգայուն է, նա անկասկած զգացել է մեր տագնապը։ Ավելի լավ կլինի, եթե նա ճշմարտությունն իմանա։

― Վաղը։ Ծննդից հետո։

Մսի հոտը զգալով՝ Սասունը մտավ խոհանոց ու նստեց սեղանի տակ, Մարոյի ոտքերի մոտ։ Մարոն մեքենայաբար շոյեց շանը ու աչքերը հեռուն հառեց։ Նա լարված տեսք ուներ։

― Ուզո՞ւմ ես, սուրճ պատրաստիր երկուսիս համար,– ասաց Ազնիվ խանումը մեղմ ձայնով։

Մարոն սուրճն ու ջուրը խառնեց և սրճեփը դրեց սպիրտայրոցի վրա։ Երբ սուրճը եփվեց, լցրեց գավաթների մեջ ու նստեց։ Նա ցրված հայացքով նայեց խոհանոցի պատերին, ուր կախ էին տված պղնձյա կաթսաներն ու սև պողպատից պատրաստված թավաները, իսկ հետո հայացքը կանգ առավ քարածխով աշխատող շքեղ վառարանի վրա, որը զբաղեցնում էր խոհանոցի մի պատը և որմնային ծխնելույզ ուներ։ Նրա դեմքը տխուր էր, և նա մրմնջաց.

― Մենք չպետք է այստեղ գայինք բնակվելու, այս կորած-մոլորած քաղաքը։

― Կինը պարտավոր է հետևել իր ամուսնուն։ Հիշիր այս բանը և լավ օրի, և վատ։

― Մենք կարող էինք Կոստանդնուպոլիս վերադառնալ երկու տարի առաջ, երբ Վարդանին առաջարկեցին քաղաքագիտություն դասավանդել Ռոբերտ Քոլեջում։

― Նա անկասկած պատճառ ուներ հրաժարվելու այդ առաջարկից։

Մարոյի ձեռքը թեթևակիորեն դողաց, երբ նա բաժակը մոտեցրեց բերանին։ Ազնիվ խանումն ավելացրեց.

― Իսկ քեզ ո՞վ ասաց, որ մենք անվտանգության մեջ կլինեինք մայրաքաղաքում։ Մենք չզիտենք, թե ի՛նչ է այնտեղ կատարվում։ Վարդանին կարող էին ձերբակալել մնացածների հետ ապրիլ ամսին։

Մարոն սեղմեց մոր թևը։

― Մայրիկ, ես վախենում եմ։

Ծեր կնոջ լարված դեմքը փափկեց։ Նա վայր դրեց դանակն ու ձեռքերը գոգնոցով մաքրեց։ Նրա ձայնը դոդում էր.

― Ես նույնպես, Մարո ջան։ Օ՜, ոչ ինձ համար։ Ես իմ կյանքն ապրել եմ և պատրաստ եմ միանալ քո հորը Աստծու ծոցում։ Ես վախենում եմ ձեզ՝ երեքիդ համար։

Մարոն, լաց լինելով, մոտեցավ մորը, որը գրկեց նրան։ Ազնիվ խանումը թույլ տվեց, որ Մարոն մի քիչ լացեր, իսկ հետո շոյեց այդ կնոջ մազերը, որին նա միշտ պետք է իր փորրիկ աղջիկը համարեր։ Եվ ինչպես մանուկ հասակում, ստանալով մոր մխիթարանքը, Մարոն կամաց-կամաց հանզստացավ։ Ազնիվ խանումը սրբեց նրա այտերը համբուրելուց առաջ։ Ծեր կինը վերագտել էր իր տոկունությանը։

― Ասում են, որ մենք մարդկության թույլ կեսն ենք։ Դա ճիշտ չէ։ Կինն ունի արիության և ուժի անսահման պաշար։ Եվ հաճախ, երբ տղամարդու ուժը սպառվում է, նա լիցք է ստանում մեզնից։

Մարոն գլխով արեց։ Մոր խոսքերը և դրանք ասելու ձեը հանգստացրեցին նրան։

― Վարդանը պետք է կարողանա հույս դնել քեզ վրա։ Իսկ դու էլ պետք է վստահես նրան։ Նա խորաթավսսնց է և ուժեղ։ Ի դեպ, նա մտածում է Սվասից հեռանալու մասին։

― Նա քեզ ասե՞լ է,– հարցրեց Մարոն, զարմանալով, որ ամուսինն աոաջինը իրեն չէր տեղեկացրել իր ծրազրին։

― Ոչ։ Նա պարզապես ինձ հարցրեց, թե մենք մթերք ունե՞նք մի քանի օրվա ճանապարհորդության համար։ Իսկ ես դրանից հետնություններ եմ անում։

― Հույս անեմ, որ դուք ճիշտ եք կռահել։ Եվ որքան շուտ, այնքան լավ։

― Ենթադրում եմ, որ նա նախ պետք է տեղաշարժվելու թողտվություն ստանա, իսկ դրա համար երևի մի քանի օր կպահանջվի... և կաշառքներ։ Գիտես, չէ, այդ պաշտոնյաներին։

― Դուք սխալվում եք, մայրիկ։ Վարդանը նշանակված է Սվաս և անհրաժեշտ կլինի զլխավոր շտաբի թույլտվությունը։ Չեմ կարծում, որ նա մտածում է բոլորի աչքի առաջ գնալու մասին։

― Ուզում ես ասել...

— Այո, փախչել։ Եվ ես պատրսատ եմ։

Ազնիվ խանումը ցնցված էր։ Նա դիտարկում էր նման վճռի հետևանքներն ու բարդությունները։

— Թաքնվե՞լ հանցագործների պես։ Մեզ կփնտրեն։ Դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում տունը լքել։ Դա նշանակում է այն կորցնել։

— Եթե մենք այստեղից գնանք, ապա ես երբեք այլևս այստեղ չեմ վերադառնա,– պնդեց Մարոն վճռական տոնով։

― Այս տունը մենք գնել ենք քո հոր թողած փողի մեծ մասով։

— Ավելի վատ։ Մենք մի բան կանենք։ Նախ պետք է կյանքերս փրկենք։

Աչքերը հառած իր սուրճի սև նստվածքին՝ Ազնիվ խանումը մտածում էր։ Այս տունը գնելու համար ներդրած կարողության կորուստը դեռևս աշխարհի վերջը չէր նշանակում։ Վարդանն ու նրա եղբայրը հաշիվ ունեին շվեյցարական բանկում և գործ Նյու Յորքում։ Սակայն նախ պետք էր այնտեղ հասնել։ Նման խելահեղ արարք պատերազմի ժամանակ... Չէ՞ր շտապում նա արդյոք։

Զանգերը ղողանջեցին։ Մարոն իրեն հաշիվ տվեց, որ Թովմասն ու կնքահայրը ուշանում էին։

― Սուրբ Մինասի զանգերն են,— արձագանքեց Ազնիվ խանումը ականջ դնելով։

Ուժգին զանգահարությունը սովորականից երկար տևեց և երկու կանանց համար մռայլ տոնայնություն ստացավ։

— Ինչ-որ բան է կատարվում,– բացականչեց Մարոն ոտքի կանգնելով։

Նա վազեց դեպի դուռը։

— Մարո ինձ սպասիր,– կանչեց Ազնիվ խանումը։

Սակայն Մարոն արդեն դուրս էր եկել դարպասից և վազում էր ամբողջ թափով։

✻    ✻



Ուսուցիչ Սարգիս Զորյանը մի քանի վայրկյան ապշահար մնալուց հետո փակեց Սուրբ Գիրքը։ Ավետարանը մինչև վերջ չէր ընթերցվելու։ Ոստիկանների հայտնվելու մասին զգաշացնելուց հետո պահակ կանգնած տղամարդն այժմ զանգերն էր հնչեցնում թաղի բնակիչներին նախազգուշացնելու համար։ Շիրակն ու նրա մարդիկ հայտնվեցին նստարանների արանքում ատրճանակները ձեռքներին։ Նրանցից մեկին ճանաչել էին և հետևել էին, կամ էլ իրենց համաքաղաքացիներից մեկը մատնել էր՝ հուսալով իր ընտանիքի հետ միասին արժանանալ պաշտոնյաների գթասրտությանը։

— Շիրակ,– կանչեց քահանան։

Ապստամբների առաջնորդը, որ հրամաններ էր տալիս իր մարդկանց, շրջվեց։ Թևերը տարածելով քահանան ցույց տվեց սարսափած հավատացյալներին։ Շիրակը հասկացավ, որ ինքը իրավունք չուներ այդ անմեղ մարդկանց կյանքը վտանգի ենթարկել։

― Ստորգետնյա ուղի կա՞ թախուստի համար կամ խուց ուր կարելի է թաքնվել,– հարցրեց նա։

Բեմի աստիճաններով իջնելով՝ քահանան նշան արեց, որ ոչ։

— Ես չեմ հանջնվի,— հայտարարեց Շիրակը՝ զենքը թափահարելով։

― Ես դրա մասին չէի էլ մտածում,– ասաց քահանան՝ արագ քայլերով անցնելով միջանցքով։

Կանայք հեկեկում էին քահանային դարձնելով իրենց աղերսող դեմքերը։ Նա հանգստացրեց իր հոտը, և նրա վճռական տեսքը նրանց մի քիչ հանդարտեցրեց։

― Ես կբանակցեմ նրանց հետ,– ասաց նա՝ դեպի դուռը գնալով։– Ոչ մի չմտածված արարք իմ բացակայության ընթացքում։

Նա տպավորիչ տեսք ուներ իր ոսկեգօծ փայլ արձակող հանդերձանքով և կարող էր հարգանք ներշնչել ոստիկաններին։ Ապստամբներից երկուսը կիսաբաց արեցին դռան փեղկը, և քահանան դուրս եկավ։ Մնացած ապստամբները դիրքավորվեցին բարձր լուսամուտների մոտ, զանգակատանը և ավանդատանը։

Արմենը հանեց ատրճանակը, որը թաքցրել էր գոտու տակ։ Նա ոտքը դուրս դրեց դեպի միջանցքը, սակայն Թովմասը, նրա փեշը բռնելով, չթողեց, որ նա գնար։

— Կնքահա՜յր, կնքահա՜յր։ Ես վախենում եմ, մնացեք ինձ հետ։

Երեխան գենքից չէր վախեցել։ Նա սովոր էր զենքի։ Կիրակի օրերը Վարդանը նրան հաճախ տանում էր սարերը զենքին վարժելու և կրակել սովորեցնելու համար, քանի որ ինքն էլ կրակել էր սովորել գրել սովորելուց առաջ։ Թովմասն արդեն չէր վրիպում թիրախից, երբ կրակում էր թե՛ Մարոյի թեթև հրացանից, թե՛ ծանր ատրճանակից։ Թովմասը լավ չէր հասկանում, թե ինչ էր կատարվում եկեղեցում, սակայն բոլորը դողում էին և նրանց սարսափը վարակիչ էր։ Նույնիսկ իր կնքահոր դեմքը լարված էր։

— Ինչո՞ւ են ոստիկաններն այստեղ եկել։

Արմենը անթարթ հետևում էր եկեղեցու խորքում գտնվող դռանը և չպատասխանեց։

— Նրանք հարձակվելո՞ւ են մեզ վրա։

Արմենը ցենքը զգուշորեն թաքցրեց բաճկոնի տակ, նստեց և կռացավ սանիկի վրա։

— Ոչ,— պատասխանեց նա շշուկով։— Միգուցե և հարձակվեն, ես չգիտեմ։ Դու կարող ես չվախենալ, ես այստեղ եմ։ Ինչ էլ պատահի, արա այն, ինչ քեզ կասեմ։ Եթե ասեմ «թաքնվիր», կպառկես գետնին։ Եթե ասեմ՝ «վազիր», կփախչես առանց իմ մասին մտածելու։ Հասկացա՞ր։

― Այո, կնքահայր։

― Եվ եթե հանկարծ մենք իրար կորցնենք, ուղիղ տուն վազիր և մի փորձիր ինձ գտնել։

Արմենի վստահ և հանգիստ ձայնը միայն մասամբ հանդարտեցրեց Թովմասին, և նա անհանգստությամբ հետևում էր Շիրակի մարդկանց անցուդարձին։

― Ովքե՞ր են սրանք։

― Բարեկամներ։ Հայ հերոսներ։

Եկեղեցու նավում տագնապն ահագնանամ էր։ Լացի միալար ֆոնի վրա երբեմն բարձր ձայներ էին լսվում։ Ոմանք խոսում էին դուրս գալու մասին, քանի որ ոչ մի վատ բան չէին արել, ուստի չպետք է վախենային ոստիկաններից։ Մի կին բղավեց.

― Թող ապստամբները հանձնվեն։ Դա մեզ չի վերաբերում։

Այդ խոսքերը փոթորիկ բարձրացրեցին։ Նստարաններին նստած մարդիկ վիճում էին, և Սարգիս Զորյանր վախեցավ, որ կսկսվի ամբոխի անկառավարելի շարժում։ Հարկավոր էր նրանց զբաղեցնել մինչ Տեր Խորենի վերադարձը։ Հանկարծ նա հիշեց, որ ինքը սարկավագ էր։

― Մենք հիմա կհաղորդվենք,– բդավեց նա աղմուկի մեջ լսելի լինելու համար։

Նա ստիպված եղավ կրկնել այդ խոսքերը ևս մեկ անգամ, և խուլ աղմուկը մարեց։ Մարդիկ ծնկի էին գալիս համայնական հաղորդության համար։ Սարկավագի յուրաքանչյուր նախադասությունից հետո, ուր նա թվարկում էր բոլոր այն մեղքերը, որ կարող էր գործել քրիստոնյան, նրանք կրկնում էին «Տեր ողորմեա»։ Երբ Տեր Խորենր վերադարձավ, բոլորը հետ նայեցին։

— Ծնկի իջած մնացեք,– հրամայեց նա։– Ես ձեզ մեղքերի թողություն կտամ։

Այդուհանդերձ, նրանք ոտքի կանգնեցին, անհամբեր և տագնապով լի և շատերը մոռացան խաչակնքվել քահանայի օրհնությունից հետո։ Տեր Խորենր դիմեց Շիրակին.

— Սպան բավականաչափ գթասիրտ գտնվեց, որ մեզ բոլորիս պատանդ չպահեց։ Սակայն նա վճռական է քեզ գերեվարելու հարցում։ Դու, քո մարդկանց հետ միասին, պետք է հանձնվես։ Դուք աքցանի մեջ եք։

― Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։

― Իմ խեղճ զավակ...

― Դուք նույնքան խղճալի վիճակում եք, որքան և մենք,— մրմնջաց Շիրակը։

Տեր Խորենը ասաց իր հոտին.

― Ես համոզեցի սպային, որպեսզի նա մեզ թույլ տա հեռանա։ Քայլեք շարքով իմ հետևից՝ ձեռքերը վեր բարձրացրած։ Ձեզ հանգիստ պահեք և եկեղեցուց դուրս գալուց հետո չվազեք, ենթարկվեք ոստիկաններին։

Տեր Խորենը հոտին իրեն հետևելու նշան արեց և առաջինը դուրս եկավ։ Նստարանները անմիջապես դատարկվեցին, միջանցրում հրմշտոց սկսվեց։ Դռան աոջև, որի միայն մեկ փեղկն էր բաց, հսկայական խցանում գոյացավ։ Շիրակը նրանց ընթացքը դանդաղեցրեց, ստիպեց շարվել և դուրս էր թողնում մարդկանց փոքր խմբերով։ Լացող կանայք շնորհակալություն էին հայտնում, իսկ այն կանայք, որոնք կարող էին նրա մայրը լինել, ջերմությամբ էին նայում երիտասարդին։ Մի ծեր կին մատով խաչի նշան արեց նրա ճակատին։ Որոշ տղամարդիկ դեմքերը թեքում էին նրա մոտով անցնելիս, իսկ ոմանք էլ ողջունում էին և սրտապնդող խոսքեր ասում։

Սարգիս Զորյանը դեռևս սարկավագի հանդերձանաով շարքի վերջում էր։ Նավապետ Արմենը նրա դիմաց էր Թովմասի հետ միասին, որը քահանայի պատվերը կատարելով՝ արդեն բարձրացրել էր ճեռքերը։

― Հիմա չէ, Թովմաս, այն ժամանակ, երբ մենք դռնից դուրս կգանք։

Արմենը իր ատրճանակի պահունակից վեց փամփուշտ տվեց Շիրակին՝ նրա ձեռքը սեղմելով։ Սարգիսը գրկախառնվեց ապստամբ առաջնորդի հետ և ասաց.

― Ես այս գիշեր կգնամ և քո մարդկանց կտեսնեմ հանդիպման վայրում։ Եթե... եթե դիմանաք մինչև գիշեր, ապա մենք ոստիկաններին թիկունքից կխփենք։ Եվ...

Նա այլ ելքը չհիշատակեց։ Շիրակն ուսերը թոթվեց.

– Մի խոսքով, արեք ձեր ուժերի ներած չափով, փորձեք փրկել ձեր մաշկը,— ասաց նա՝ իր ուժեղ ձեռքով Զավենին հրելով դեպի դուռը։

Եկեղեցու կիսախավարից հետո արեը կուրացրեց Արմենին, և նա ձեռքով քողարկեց աչքերը։

— Ձեռքերը վեր,— ոռնաց մի ձայն թուրքերենով։– Մոտեցե՛ք։ Արա՛գ։

Եկեղեցու դռան փեղկը փակվեց նրանց հետևից, և կողպեքը ճռնչաց։ Թովմասն այնքան արագ էր քայլում, կնքահայրը ստիպված եղավ արագացնել քայլերը հետ չմնալու համար։ Եկեղեցու պարսպի հետևում տասնյակ ոստիկաններ էին թաքնվելն իսկ մնացածները խմբվել էին ցանկապատի երկու կողմերում, ուր մի սպա զննում էր հավատացյալների դեմքերը, իսկ հետո թույլ էր տալիս, որ նրանք անցնեին, ասելով.

— Հեռացե՛ք։ Վերադարձեք ձեր տները։ Ավելի արա՛գ։ Անցե՛ք։ Անցե՛ք։

Բացառությամբ ոտքերը քարշ տվող ծերերի, բոլորը վազելով էին հեռանում ծիծաղող զինվորների ծաղր ու ծանակի ներքո։ Հրապարակի շուրջը և դրան հարող փողոցներում հավաքվել էին հետաքրքրասերները։ Դրանցից շատերը բարեկամներ և ազգականներ ունեին հավատացյալների մեջ և նրանց դիմավորում էին թեթևացած բացականչություններով։ Երբ Արմենը կանգնեց սպայի դիմաց, նկատեց, որ պարսպի հետևում զինվորները շրջապատել էին մի տասնհինգ մարդու։ Քահանայից բացի, մնացածները զենք կրելու տարիքի տղամարդիկ էին։ Միգուցե ոստիկանները վախենում էին, որ դրանց մեջ կարող են «քաջերից» լինել։ Արմենն ուզում էր վկայել նրանց անմեղության օգտին, սակայն քահանան նշան արեց հեռանալու։ Մտածելով իր սանիկի մասին, որը քաշում էր իր ձեռքից, նավապետը ծանր սրտով հեռացավ։

― Չենք վազում,– հրամայեց նա Թովմասին։– Հպարտ քայլով գնա։

Արմենը չկարողացավ իրեն զսպել և շրջվեց ոստիկանների կողմը, ուսուցիչը համալրում էր ձերբակալվածների շարքերը։

― Տեղեկացրեք իմ կնոջը,– բղավեց Արմենին Սարգիսը, որին կարգի հրավիրեց ոստիկանի ապտակը։

Հրապարակն անցնելուն պես, քանի դեռ տան անկյունը չէր ծածկել եկեղեցին, Արմենը կանգ առավ։ Լեյտենանտը, ձեռքերը շեփորի պես բերանին դնելով, ապստամբներին հրամայում էր հանձնվել։ Առանց հրամանի սպասելու զինվորները պարպեցին հրացանները եկեղեցու ուղղությամբ։ Վարդյակի ապակին կոտրվեց։ Ի պատասխան զանգակատնից համազարկ լսվեց։

— Կրա՜կ,– բղավեց սպան՝ թաքնվելով պատի հետևում։

Արմենը Թովմասին հրեց դեպի հարևան փողոցը, իսկ նրանց թիկունքում ճարճատում էր կատաղի փոխհրաձգությանը։ Մարդիկ, որոնք դուրս էին եկել եկեղեցու զանգերի ղողանջը լսելով, արագորեն հետ էին դառնում դեպի իրենց տները։

— Պատերա՞զմ է,— հարցրեց Թովմասը, երբ նրանք շտապ հեռանում էին իրադարձության վայրից։

Փողոցները դատարկ էին։ Միայն զինվորների մի դասակ բարձրաէաւմ էր դեպի Սուրբ Մինաս եկեղեցին։ Հեռվում կանացի մի ուրվագիծ վազում էր նրանց ուղղությամբ։

― Մայրիկն է,— բացակաճչեց Թովմասը՝ բաց թողնելով կնքահոր ձեռքը մոր մոտ վազելու համար։

Մարոն, շնչասպառ, որդուն իրեն սեղմեց։

— Փառք Աստծու...

Նրա դեմքով քրտինք էր հոսում, և մազերի փնջերը կպել էին ճակատին, քանի որ վազելու ընթացքում դրանք արձակվել էին։

— Մայրիկ, զինվորները կրակում են եկեղեցու վրա։ Իսկ հերոսները ներսամ են։

― Գիտեմ, գիտեմ, թանկագինս։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։

Արմենը նրանց մոտեցավ։ Մարոն ուզում էր իմանալ, թե իրականում ինչ էր պատահել։ Արմենը հակիրճ ներկայացրեց իրավիճակը։

― Աստված իմ,– բացականչեց Մարոն՝ տանիքների վրայով նայելով զանգակատանը։

Հեռվում լսվում էր հրազանների ճարճատյունը։ Մի քանի վայրկյան տևող դադարից հետո լսվում էր անկանոն հրաձգության, որը կարկտի աղմուկն էր հիշեցնում։

— Թովմասին տուն տար։ Տնից դուրս չգաք։

Մարոն բռնեց Արմենի բաճկոնի թևքից.

― Դուք այնտեղ չեք վերադառնա։ Դա խելահեղություն է։

― Ես Սուրբ Մինասից այն կողմն եմ ապրում,– ասաց նա։— Ես կշրջանցեմ հրապարակը։

Մարոն կռահում էր, որ նա ասում էր իրեն հանգստացնելու համար։ Նա գնալու էր եկեղեցի տեսնելու, թե ինչ էր այնտեղ կատարվում։

✻    ✻



― Դիպուկ կրակեք,– բղավեց Շիրակը։― Փամփուշտները չեն հերիքի։

Նա եկեղեցու կենտրոնական նավով վազում էր դեպի ավանդատուն, իսկ այնտեղից էլ զանգակատուն։ Նա ամենուր էր, սրտապնդում էր իր մարդկանց և հետևում, որպեսզի նրանք ապարդյուն չվատնեին իրենց փամփուշտները։ Նրանք փակել էին ավանդատան դուռը և դիմացը կիտել էին սեղանը, պահարաններն ու նստարանները։ Զինյալներից մեկը, լուսամուտի մոտ կանգնած, հետևում էր գերեզմանատանը։ Չորս հոգի էլ դիրքավորվել էին նավի կողմնային լուսամուտների մոտ։ Հինգ հոգի զանգակատանն էին, որը շատ հարմար էր կրակելու համար։

Շիրակը հասկանում էր, որ իրենք չէին կարողանալու երկար դիմադրել։ Երե գոնե հրացանները բերած լինեին և լիքը փամփշտակալներ։ Նրանց ատրճանակները չէին կարող հեռու կրակել, և իրենք ընդամենը երեսուն փամփուշտ ունեին, որոնցով նրանք հազիվ ետ մղեին առաջին հարձակումը։ Բարեբախտաբար ոստիկանները չգիտեին դրա մասին և զգուշաբար թաքնվում էին եկեղեցու պարսպի հետևում։ Նրանք անկանոն կրակում էին գանգակատան և լուսամուտների ուղղությամբ, որոնց ապակիներն արդեն կոտրվել էին։ Հրապարակում, շուռ տված սայլի հետևում տեղադրված էր գնդացիրը, որը երբեմն կրակում էր։ Դրա կանոնավոր բզզոցին եկեղեցու դուռն արձագանքում էր խուլ հարվածներով, սակայն դիմանում էր հարձակմանը, իսկ երրեմն էլ լսվում էր զանգերի ղողանջր, երբ գնդակները դրանց էին դիպչում։

― Շիրակ,– կանչեց մեկը զանգակատնից։

Շիրակը միացավ իր տղաներին զանգակատանը։ Գնդակները սալում էին նրանց շուրջը, բզզում էին քարին դիպչելով։ Արմենակը՝ ուսուցիչ Զորյանի քեռորդին, պառկած էր մեջքի վրա։ Նա սպանվել էր ճակատին դիպած գնդակով։ Նա տասնինը տարեկան էր։ Շիրակը ցատկեց նրա մոտ, փակեց նրա աչքերը և վերցրեց զենքը։ Դա նրանց աոաջին զոհն էր։ Անիմաստ և անփառունակ գոհը։ Ինչպես առնետի մահն իր բնում։ Մի տասներկու ոստիկանների մահը, կամ էլ նրանց ստացած վերքերը ոչինչ չէին փոխի։

― Մենք չենք կարող դիմադրել,– ասաց տղամարդկանցից մեկը, որը վիրավորվել էր ձախ ուսից։

― Մենք գիտեինք, որ այս բանը մի օր պատահելու էր,— պատասխանեց Շիրակը համոզմունքով։

— Այո, բայց ոչ պարապ տեղը։ Ես ուզում էի, որ իմ մահը ինչ-որ նպատակի ծառայեր։

Նա ամփոփում էր իր ընկերների, ինչպես և առաջնորդի միտքը։

— Մենք դեռևս չենք մեռել,— բացականչեց Շիրակը։

— Այստեղ,— գոչեց տղամարդկանցից մեկը՝ ցույց տալով եկեղեցու հետևը։— Ինձ թվում է, որ այն անլյունում շատ են շարժվում։

Զանգակատնից վերնատան կողմում գտնվող պարսպի պատը չէր երևում, սակայն հարևան փողոցը վխտում էր զինվորներով։ Քանի որ շենքի այդ կողմում ոչ մի լուսամուտ չկար, ապա հակառակորդը կարող էր պարիսպն անցնել առանց իրեն վտանգելու։ Հարկավոր էր ուժեղացնել ավանդատան պաշտպանությունը։ Շիրակը շտապ ցած իջավ։ Երբ նա նավով էր անցնում, դրսից նետված մի առարկա աղեղ գծեց օդում և զնգալով ընկավ նստարանին։

— Քիչ էր մնում գլխիս դիպչեր,— բղավեց լուսամուտի մոտ հսկող տղամարդը։— Այդ ի՞նչ է։

Մոտենալով այն նստարանին, ուր ընկել էր առարկան, Շիրակը նավթի հոտ առավ։ Բարակ մետաղից պատրաստված ամանը պատռվել էր, և նրա պարունակությունը թափվում էր գետնին։

— Նրանք ուզում են մեզ խորովել,— բացականչեց Շիրակը։

Նույն պահին մեկ այլ աման վայրէջք կատարեց միջանցքում։

— Զանգակատուն բարձրացեք, արագ,— բղավեց Շիրակն ու գնաց այն զինյալի հետևից, որի պահակակետը անանդատունն էր։

Երբ նա ընկերոջ հետ վերադարձավ, տեսավ, որ նավ էին նետվել այլ ամաններ։ Նավթի գոլորշին խանգարում էր շնչել և շշմեցնում էր։ Նրանք հասել էին զանգակատան սանդուղքին, երբ եկեղեցում մի նռնակ պայթեց՝ հրկիզելով նավթի գոլորշին։ Սարսափելի մի պայթյուն ցնցեց շենքը, պոկելով դուռը և ճոճելով զանգերը։

Արմենը թաքնվել էր մի տան պատի հետևում, որտեղից երևամ էր հրապարակը, եկեղեցու ճակատը և կողմնային պատերից մեկը։ Պայթյունի ձայնից քիչ էր մնում նրա սիրտը կանգներ։ Եկեղեցու լուսամուտներից և դռնից բոց էր դուրս պրծնում, հետո կրակը հետ քաշվեց և տեղը զիջեց սև թանձր ծխին, որը շուտով սկսեց դուրս դալ նաև զանգակատնից։ Հրդեհը մոլեգնում էր նավի կենտրոնում և տեղափոխվում էր տանիք։ Ոստիկանները հրճվանքի ճիչեր էին արձակում և օդ էին կրակում։ Սպան նրանց լռելու հրաման տվեց և բղավեց.

― Հանձնվեք, սա ձեր վերջին հնարավորությունն է։

Երբ նա լռեց, լսվում էր միայն տարածվող կրակի բվվոցը։ Եկեղեցու շեմին ծխի քուլաների մեջ երեք տղամարդ հայտնվեց։ Գրգռված զինվորները սպանեցին նրանց, չնայած զինյալները ուզում էին հանձնվել։ Նրանց մարմինները ցած գլորվեցին աստիճաններով։

― Ապուշներ։ Ապուշներ,– ոռնաց կապիտանը՝ բարկությունից շիկնելով։– Առանց հրամանի կրակողին ես կսատկացնեմ։

Եկեղեցուց բղավոց լսվեց.

― Մենք հանձնվո՛ւմ ենք, մի՛ կրակեք։

― Դուրս եկեք։

Ծխի միջից մարդկային մարմիններ հայտնվեցին։ Երկու տղամարդ քարշ էին տալիս անգիտակից Շիրակին։ Նա ընդամենը թեթև այրվածքներ էր ստացել, քանի որ նրա ընկերոջ մարմինը իրեն փակել էր պայթյունի ժամանակ։ Վերջինս մահամերձ էր և չէր կարողանում քայլել։ Երեք «քաջեր» նրան բերում էին ձեռքերի վրա։ Զինվորները շրջապատեցին ապստամբներին և սվինների տակ նրանց ուղեկցեցին դեպի սայլը, ուր պառկեցրին վիրավորներին։ Այնտեղ նետվեցին նաև եկեղեցու շեմին սպանված զինյալների դիակները։ Նրանք կապեցին աառողջ տղամարդկանց ձեռքերը, որոնք միացան ձերբակալված ծխականների խմբին Տեր Խորենի գլխավորությամբ։ Վիրավոր կամ մեռած ոստիկաններին լցրեցին երկու սայլերի մեջ, որոնց ջորիներ էին լծված, իսկ մնացած ոստիկանները շրջապատել էին ձերբակալվածներին։ Շարասյունը, թողնելով հրապարակը, շարժվեց դեպի վարչական թաղը։

Արմենը տեսավ, թե ինչպես էին հեռանում իր բարեկամները փայտյա անիվների ճռռոցի, զինվորների հայհոյանքների, ծիծաղի և կատակների ներքո։ Ոստիկաններից ոմանք դատարկում էին իրենց զենքի պահունակները, հարևան տների ուղղությամբ կրակելով, իսկ սպան նրանց չէր հանդիմանում։ Շիրակ Թևոնյանի գերեվարման համար նրա կոչումը կբարձրացնեին, և բացի դրանից, նրանց պարգևատրում էին խոստացել։

Եկեղեցու բոլոր լուսամուտներից ծխի քուլաներ էին դուրս գալիս, որոնք տանիքի վերևում միանալով՝ ծխի սյուն էին կազմում, որը ձգվում էր դեպի հանդարտ երկինքը։ Քարավանը, հրդեհը. Արմենն այդ ամենի մեջ տեսավ այն ճակատագրի կանխագուշակումը, որը սպասում էր իրենց բոլորին։

— Վերջի սկիզբը,– մրմնջաց նա խուլ ձայնով, և այդ պահին եկեղեցու տանիքը փլվեց։