Ամառ առանց այգաբացի - Գլուխ 7

Գրապահարան-ից

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 6 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 8 ▶


Պետրին, ձի հեծած, սլանում էր կառքի առջևից, ուր տեղավորվել էր Ռըզա բեյը Մարոյի և նրա որդու հետ։ Կառքին հետևում էին ծածկած սայլը, որը վարում էր Աբդուլան, և կալվածատիրոջ անձնական պահակազորը կազմող տասն արաբ հեծյալները։ Այս մարդիկ՝ Ռըզա բեյի ընտանիքին սերնդեսերունդ ծառայած մարդկանց որդիները, անսահման նվիրված էին Ռըզային, որին իրենց շեյխն էին համարում։

Կառքի ընթացքից թմրած Թովմասը գլուխը դրել էր մոր ծնկներին ու քնել։ Մարոն, աչքերը հակած, ընկղմվել էր իր հուշերի մեջ։ Նա հիշում էր Ազնիվ Արթինյանին։ Դա քարանձավում մահացած ծեր կինը չէր, այլ ավելի երիտասարդ Ազնիվն էր՝ իր ամուսնուն՝ Հակոբին թևանցուկ արած։ Մարոյի հիշողությունից ջնջվել էին այն վեճերն ու ընդհարումները, որոնցով նրանք իրար էին հակադրվում։ Նա լի էր այն սիրո խոսքերով, հոգատարությամբ և ուշադրությամբ, որ Ազնիվ խանումը շռայլել էր քսանութ տարի շարունակ։ Արդյոք ինքը բավարար չափով հատուցե՞լ էր այդ ամենի համար։ Ազնիվ խանումն այդ հարցին արդեն պատասխանել էր. «Ես իմ մորից սեր եմ ժառանգություն ստացել և այդ պարտքը վճարելու համար պետք է իմ անձը մոռանամ երեխաներիս համար»։ Մարոն այլևս միայնակ չէր իր վշտի հետ. ձեռքի այն շարժումը, որով նա հովանի էր անում որդու դեմքին՝ նրան արևից պաշտպանելով, վերակենդանացրել էր այդ տոհմի բոլոր կանանց, որոնց շարունակությունն էր ինքը, այդ մայրերը, որոնք աշխարհի սկզբնավորումից ի վեր կյանք էին պարգևում և ողբում մեռյալներին։

Մարոյի դեմ դիմաց նստած Ռըզա բեյը, իբր, ընկղմված էր դերվիշների աղանդի հիմնադիր, միստիկ բանաստեղծ Մելվանայի ղազալների ընթերցանության մեջ։ Աչքի պոչով նա զննում էր այդ կնոջը, որին վիշտն էլ ավելի գեղեցիկ էր դարձրել։ Նրան տիրանալու իր տենչին ավելանում էր անկեղծ կարեկցանքը։ Այդ կինը հուզում էր նրան, և Ռըզան նրան բացառիկ վեհանձնություն էր վերագրում։ Ինքը չէր բավարարվի նրան տիրանալով, իրեն պետք էր, որ այդ կինն իրեն տրվեր։

Մի քանի ժամ դեպի հարավ շարժվելուց հետո կառքը կանգ առավ մի սարի գագաթին։ Մարոն աչքերը բարձրացրեց։ Ներքևում սփռված էր փառահեղ հովիտը, որով հոսում էր բուռն մի գետ։ Խարկված սարահարթում այդքան ժամանակ դեգերելուց հետո Մարոն մոռացել էր, որ բնությունը կարող էր այդքան գեղեցիկ լինել։ Այդ վայրի հանդարտությունն ու մեղմությունը հուզեցին նրան։ Նրա հիշողության մեջ դեռևս հնչում էին տեղահանվածների տնքոցներն ու պահակների բղավոցները, իսկ այստեղ լսվում էին թռչունների ճռվողյունն ու երեխաների ուրախ ձայները։ Գյուղացիները՝ տղամարդիկ և կանայք, հանգիստ աշխատում էին դաշտերում։ Ճանապարհի երկայնքով շարված էին խուլ պատերով տներ, որոնց հարթ տանիքները ոսկեզօծված էին չորացող ծիրաններից։ Դռների բացվածքներում կախ էին տված կարմրասև կարպետները։

Կանաչով և պարտեզներով շրջապատված Դերենդեն սարի վրա էր, դաշտավայրի վերևում։ Նրա սպիտակ շինությունները խմբված էին մայր մտնող արևի ճառագայթներից կարմրած ժայռերի ստորոտում։

— Մենք այստեղ կգիշերենք,— հայտնեց Ռըզա բեյը,– և երեք օր այստեղ կմնանք։

Երեք օր։ Մարոն հույս ուներ, որ իրենց ճանապարհորդությունն ավելի արագ կընթանար։ Նա թաքցրեց իր հիասթափությունը։

— Պետրի, կանչեց Ռըզա բեյը։– Գնա և իջևանատանը սենյակներ նախապատրաստիր։

Վերադառնալով Մարոյի մոտ, նա հարցրեց.

— Կբարեհաճե՞ս ճաշել ինձ հետ։ Կուզենայի քեզ ավելի լավ ճանաչել։

Մարոն ականջներին չէր հավատում։ Այս մարդը գիտեր, թե ինչ էր իրեն պատահել, մոր մահը, սարսափի այս շաբաթները... Ինչպե՞ս էր կարող հուսալ, որ ինքը հոժար կամքով կհամաձայներ նրա հետ մենակ մնալ։

— Եթե անպատեհ չեք համարում, ապա ես կգերադասեի մենակ մնալ որդուս հետ, ճաշել մեր սենյակում և անմիջապես պառկել քնելու։ Ես ուժասպառ եմ և շատ ազդված եմ մորս մահից։

— Իհարկե։

Ձայնն անվրդով էր, սակայն այտի թեթև թրթռոցը Մարոյի աչքից չվրիպեց։ Նա շտապեց ավելացնել.

— Վաղն ինձ ավելի լավ կզգամ և հաճույքով կընդունեմ ձեր հիասքանչ առաջարկությունը։

— Վաղը և վաղը չէ՝ մյուս օրը,— ասաց Ռըզա բեյը ուրախացած։– Մենք Այնթապ կհասնենք միայն մի քանի օրից։ Ես պետք է նախ Մալաթիա մտնեմ։

— Այնթա՞պ,– հարցրեց Մարոն փայլող աչքերով,– չէ՞ որ դա շատ մոտ է Կոստանդնուպոլիս տանող երկաթգծին։

Մի պահ նա նմանվեց փոքր աղջկա, որը հիանում էր նվերով։ Ռըզան հուզված էր։

— Այո, «Տավրոս էքսպրեսը»։

Մարոն ավելացրեց.

— Եթե կարողանայի գնացք նստել... Ես ձեզ ասե՞լ եմ, որ իմ ազգականները մայրաքաղաքում են ապրում։

— Կարծեմ։ Սակայն... քո ազգականները դեռևս այնտե՞ղ են։ Բազմաթիվ հայեր հեռացել են այլ քաղաքներ՝ Երուսաղեմ, Բաղդադ։

— Հեռագրով կարելի կլիներ իմանալ։ Ես կարող եմ վճարել, գիտեք։

Ռըզա բեյը ժպտաց և հայրական տոնով ասաց.

— Մի՛ անհանգստացիր, ես ամեն ինչ ինձ վրա եմ վերցնում։ Դու և որդիդ կարող եք այլևս ոչնչից և ոչ ոքից չվախենալ։

Մարոն դժվարանում էր հավատալ, որ ամեն ինչ կարող էր այդքան հեշտ լուծվել։ Դեռևս այս առավոտ...

— Դուք անչափ մեծահոգի եք, Ռըզա բեյ, և ես երբեք չեմ կարողանա վարձահատույց լինել։ Փառք եմ տալիս Աստծուն, որ հանդիպեցի ձեզ իմ ճանապարհին։

— Այդպիսին էր Ալլահի կամքը,— հաստատեց տղամարդը վստահ տեսքով։

Պետրին միայն երկու սենյակ էր վարձել, քանի որ ինքը գերադասում էր ախոռում քնել և հսկել ծածկած սայլը, որը նա խուսափում էր թողնել միայն իր մարդկանց հսկողության ներքո։ Այնտեղ մթերքից, հագուստից և խոհանոցային կարասից բացի, կար մի ճամպրուկ, որն անձամբ Պետրիին էր պատկանում։ Ճամպրուկը լցված էր տեղահանվածներից խլված թանկարժեք իրերով, զարդերով և դրամով։ Տիրոջից ծածուկ Պետրին իր բաժինն էր ստանում ոստիկանների իրագործած թալանից։

Իջևանատունը մեծ փայտյա կառույց էր, որին կից ախոռ կար։ Դրա երկու տերերը Ռըզային պատկառանքով ընդունեցին, որը ստորաքարշության վերածվեց, երբ նա պահանջեց ներկայացնել մատյանները։ Անկասկած եղբայրներ էին, քանի որ նրանց նմանությունը աչքի էր զարնում։ Հիսունին մոտ, երկուսն էլ գիրուկ և ճաղատացող ճակատներով, նրանք լարված և անհանգիստ կանգնած էին Ռըզա բեյի առջև, որը թերթում էր նրանց մատյանը։ Իջևանատանը իրենցից բացի միայն երեք այցելու կար։ Դրանք գերմանացի սպաներ էին, որոնք նստած շնապս էին խմում։ Դիմելով իջևանատան տերերին առանձին—առանձին, նա հրամայեց.

— Ուղեկցիր խանումին իր սենյակը, իսկ հետո ճաշ մատուցիր։ Իսկ դու ինձ համար մի բաժակ բեր և դիր մեր բարեկամ գերմանացիների սեղանին։

Մեղմացած ձայնով նա դիմեց Մարոյին.

— Բարի գիշեր, խանում։

Նա խառնեց Թովմասի մազերը, որը գլուխը փախցրեց և նահանջեց։ Մարոն հանդիմանեց նրան.

— Բարեկիրթ եղիր մեզ հյուրընկալողի հետ։

Նա խոսում էր արագ և թուրքերենով, գիտակցելով, որ Թովմասն, անկասկած, չէր հասկանալու իր ասածը։ Նա դա արեց, որպեսզի Ռըզա բեյը չվիրավորվեր։

— Ներեցեք նրան, երեխա է և այս վերջին շաբաթների ընթացքում շատ փորձությունների է ենթարկվել։

Ստվերում Ռըզա բեյի աչքերը մոխրագույն էին թվում, իսկ այտոսկրերն այդքան արտահայտված չէին, և դա մեղմացնում էր նրա դեմքի խիստ արտահայտությունը։ Նրա բեղերի ծայրերը վեր բարձրացան՝ հետևելով նրա ժպտացող շրթունքների շարժմանը։ Նա ներողամտորեն ասաց.

— Դա հասկանալի է։ Ես լավ եմ ճանաչում երեխաներին, ինքս ութ զավակ ունեմ։

— Օ՜, հոյակապ է։ Ի՞նչ տարիքի են ձեր երեխաները։

Նա փքվեց.

— Իմ ավագը տասնութ տարեկան է, իսկ կրտսերը՝ երեք։

Մարոն խոնարհվեց.

— Բարի գիշեր, Ռըզա բեյ։

Հետևելով իջևանատան տիրոջը՝ Մարոն բարձրացավ երկրորդ հարկ։ Սենյակի կահավորանքը սուղ էր։ Կասկածելի մաքրության սպիտակեղենով մի մահճակալ, չեչոտ գիշերային անոթ և մի ցածր սեղան, որը դրված էր մաշված կարպետի վրա։ Սակայն սենյակի՝ կրով սպիտակեցված պատերի ներքո հաճելի զովություն էր տիրում, և լուսամուտը դուրս էր գալիս հարևան տան այգին։ Մարոն մահճակալին նայեց, որը պարզապես ծղոտյա ներքնակ էր՝ դրված փայտյա շրջանակի վրա քաշած պարաններին։

— Սպիտակեղենը հիմա կփոխեն,– շտապեց ասել պանդոկապանը։– Այսօր մենք ընտիր փլավ ունենք։

— Շատ լավ։ Որդուս համար ջուր բերեք, իսկ ինձ համար՝ թեյ։

— Լավ, խանում։

Վերելքից շնչակտուր եղած մարդը թաշկինակով սրբեց խիտ և ալեխառն մազերով ծածկված գլուխը։

Նա խոսում էր որոշակի արտասանությամբ, որը Մարոյին շատ ծանոթ էր։ Մի քիչ տատանվելուց հետո, նա հարցրեց հայերենով.

— Հայ եք, չէ՞։

— Ոչ, մահմեդական եմ,– շտապեց պատասխանել նույնպես հայերենով և հետո միայն հասկացավ, որ իրեն մատնել էր։

Նա կարմրեց և աչքերն իջեցրեց։ Նույն պահին դուրսը հնչեց վերջին աղոթքը սկսելու կանչը։ Մարդը մտածեց Պետրոս առաքյալի ուրացմանը անմիջապես հետևած աքաղաղի կանչի մասին։ Նրա աչքերը լցվեցին, և նա մրմնջաց տխուր տոնով.

— Մենք ընտրության հնարավորություն չունեինք։ Կամ պետք է դավանափոխ լինեինք, կամ էլ մեռնեինք։ Նրանք մեզնից խլեցին իջևանատունը։ Ես և եղբայրս հիմա ընդամենը կառավարիչներն ենք։ Ստիպված եղանք ստորագրել դավանափոխության մասին փաստաթուղթը և թուրքական անուն վերցնել։ Մենք իրավունք չունենք թուրքերենից բացի այլ լեզվով խոսել։ Սակայն հոգու խորքում մենք հայ ենք մնում։

Նա լռեց, հետո ագրեսիվ տոնով ասաց.

— Դա ավելի խոհեմ որոշում է, քան ճամփեզրին սատկելը։ Եթե չեմ սխալվում, Աստված չի պահանջում մեզնից, որ բոլորս մարտիրոսներ դառնանք։ Իսկ դո՞ւք։ Օսմանյան պաշտոնյայի հետ... Դա ավելի վատ չէ՞։

Մարոն կարմրեց։

— Դա ձեզ չի վերաբերում,– պատասխանեց նա։– Ես ձեզ չեմ հանդիմանում, յուրաքանչյուրը վարվում է իր խղճի թելադրանքով։ Մենք՝ հայրենակիցներս, կարող ենք...

Տղամարդը կտրեց Մարոյի խոսքը՝ անցնելով թուրքերենին.

— Մենք ոչինչ չենք կարող։ Միայն մոռանալ, որ քրիստոնյա ենք եղել։ Ես ձեզ աղերսում եմ, այլևս հայերեն ինձ հետ չխոսեք։

Նա չափազանց հուզված էր, և Մարոն խղճաց նրան։ Նա նույնպես մի նպատակ ուներ՝ վերապրել։

— Մի վախեցեք, ես չէի ուզում ձեզ վնասել։

Պանդոկապանը հանգստացավ և բարեհամբույր դարձավ.

— Էլ ի՞նչ կուզեք։

— Ճաշից հետո տաք ջուր բերեք և սրբիչներ, եթե կարելի է։ Դուք օճառ ունե՞ք։

— Այո, խանում։ Դուք կունենաք այն ամենը, ինչ ցանկանաք։

Նա ցածր խոնարհվեց և դուրս եկավ սենյակից։

Թովմասը նայում էր լուսամուտից։ Քարանձավից ելնելու պահից նա համառորեն լռում էր և դա անհանգստացնում էր Մարոյին։ Նա մոտեցավ որդուն։

— Թովմաս, սիրելիս։

Առանց տեղից շարժվելու նա դողդոջուն ձայնով ասաց.

— Տատիկն ինչո՞ւ մեռավ։

Մարոն զսպեց հուզմունքը և պատասխանեց.

— Նա շատ հիվանդ էր։ Աստված նրան տարավ իր մոտ։

Թովմասը դառնացած փնթփնթաց.

— Մենք նրան չթաղեցինք։

— Ես դրամ տվեցի ոստիկանին, և նա նրան պետք է թաղեր մեր մեկնելուց հետո։ Մենք հնարավորություն ունենք փախչելու, իսկ դա տատիկի ցանկությունն էր։

Մարոն հպվեց երեխայի ուսին, որը նրա կողմը դարձրեց արցունքոտ դեմքը։

— Ես կարոտել եմ հայրիկին,– ասաց նա փարվելով մորը։

— Մենք շուտով նրա հետ կլինենք։

Մարոն հանդարտվեց տեսնելով նրա արցունքները և ոչինչ չարեց նրան մխիթարելու համար։ Նա կրծքին սեղմեց որդու գլուխը և աչքերը փակեց։ Արդյոք այդ մղձավանջը վերջ ունենալո՞ւ էր։ Չնայած Մարոն կուզենար հավատալ, սակայն ներքին տագնապը նրան թույլ չէր տալիս։ Քարավանը դեռ հեռու չէր, ընդամենը կես օրվա ճանապարհ, իսկ Դերենդեի մոտով, անկասկած, այլ քարավաններ էին անցնում։ Նա սարսռաց հիշելով իր բախտակիցների հուսահատ դեմքերը, նրանց դանդաղ մահ էր վիճակված։ Ոչ, ինքը չպետք է իրեն մեղավոր զգար։ Նույնիսկ եթե նրանց հետ մնար, ոչինչ չէր փոխվի։

Դուռը թակեցին։ Քողերով ծածկված երեք երիտասարդ աղախիններ (Մարոն կռահեց, որ հայուհիներ էին) փռեցին նախշազարդ կարմիր սփռոցը, վրան դրեցին եռացող ինքնաեռը և պղնձյա սկուտեղով փլավը։ Ճաշի հետ մատուցվեց նաև լոլիկի աղցան, հաց, մածուն և ծիրանի ըմպելիք։

Հազիվ էին աղախինները հեռացել, երբ Թովմասը հարձակվեց սեղանի վրա և բերանը բրնձով լցրեց։ Մարոն բռնեց նրա օձիքից և հեռացրեց սեղանից բացականչելով.

— Ինչպե՞ս ես քեզ պահում։ Նախ պետք է լվացվել։

— Ես քաղցած եմ։

Աղախիններից մեկը թաս էր բերել և մի կուժ ջուր։ Մարոն տրորեց որդու ձեռքերը և ավելի ջերմ ձայնով ասաց.

— Դու չպետք է մոռանաս քաղաքավարության կանոնները։ Ի՞նչ կասեր տատդ, որն այնքան հպարտ էր քո լավ դաստիարակությամբ։

— Նա երկնքում է,— պատասխանեց երեխան։

— Սակայն վերևից նա հետևում է քեզ, ինչպես և քո կնքահայր Արմենը։ Եվ անկասկած նրանց միջնորդությամբ էր, որ Ռըզա բեյը մեզ իր հետ վերցրեց։

— Ես նրան չեմ հավանում։

— Պետք չէ զգացումները ցուցադրել։ Հակառակը՝ դու պետք է քաղաքավարի և բարեհամբույր լինես նրա հետ։

— Ինչո՞ւ։

— Նա մեր փրկության խարիսխն է։ Հասկանո՞ւմ ես։

Պատասխանելու փոխարեն, նա փնթփնթալով դեպի սեղանը գնաց։ Նրանք ծալապատիկ նստեցին կարպետի վրա։ Մարոն աղոթեց, իսկ Թովմասը ձեռքերը խաչեց և աչքերը փակեց, սակայն նա չաղոթեց մոր հետ։

— Մենք դանդաղ կուտենք քաղաքակիրթ մարդկանց պես, կարծես թե սովից չենք տառապել։

Թովմասը ճշգրտորեն կրկնում էր մոր շարժումները։ Քիչ անց նա հարցրեց.

— Ի՞նչ է նշանակում փրկության խարիսխ։

— Դե... Մեր կյանքը փրկելու միջոց։ Եթե ջուրն ընկնեինք և փայտի կտոր ունենայինք, որից կարողանայինք կառչել, դա կլիներ փրկության խարիսխ։

Թովմասը հիշեց, որ կնքահայրը տեղահանությունը նավագնացության հետ էր համեմատում։ Նա գլխով արեց։ Մայրը շարունակեց.

— Ռըզա բեյը մեզ ազատեց քարավանից, նա մեզ հնարավորություն կտա մեկնելու։

— Ինչո՞ւ է նա մեզ տեր կանգնում։

Մարոն իր տեսակետն ուներ այդ հարցի վերաբերյալ, սակայն չէր ուզում, որ Թովմասն իմանար։ Նա հիշեց պանդոկապանի խոսքերը. «Դուք... օսմանյան պաշտոնյայի հետ»։ Յուրաքանչյուրն իր կարեցածն էր անում վերապրելու համար։ Նա պատասխանեց որդուն.

— Կարծում եմ, բարությունից դրդված։ Ողորմածությունից։

— Այդ դեպքում ինչո՞ւ իր հետ չվերցրեց բոլորին։

— Անկասկած այն պատճառով, որ նա այդքան տեղ չուներ։ Նա մեզ ընտրեց, որովհետև քո հայրը բանակի սպա է։

Թովմասի աչքերը փայլեցին.

— Նա ճանաչո՞ւմ է հայրիկին։

— Ոչ։ Եթե նա հարցուվարձ անի, ապա երբեք չասես, որ հորդ ձերբակալել են։ Կասես, որ նա ռազմաճակատում է։

— Ինչո՞ւ,– զարմացավ Թովմասը։

Ինչպե՞ս նրան բացատրել նոր իրավիճակը, իսկ Մարոն որդու համագործակցության կարիքն ուներ։ Նա վայր դրեց պատառաքաղը.

— Գիտես, Թովմաս, մենք այլևս տեղահանվածների քարավանում չենք, սակայն մեր վիճակը դեռևս անորոշ է։ Ես քեզ միշտ ասել եմ, որ սուտը վատ բան է։ Սակայն կան բացառություններ՝ սուտ փրկության համար։

Թովմասը կնճռոտել էր ճակատը և կարծես չէր հասկանում մոր ասածը։

— Այս պահին ամենակարևորը մեր ողջ մնալն է։ Վերապրելու համար մենք պետք է համբերատար և խորամանկ լինենք։ Պետք է առանց վարանելու ստենք և ձև թափենք։

— Ձև թափենք, որ ի՞նչ։

— Օրինակ, երբ Ռըզա բեյը շոյում է քո մազերը, ժպտա և մի պահիր քեզ այնպես, ինչպես քիչ առաջ։ Ձևանալ, նշանակում է սիրալիր լինել մեկի հետ, որին ատում ես, ցույց չտալ քո վիշտը, չհիշատակել այն դաժանությունները, որոնց ականատես ենք եղել վերջին շաբաթների ընթացքում, բոլորի ներկայությամբ հայերեն չխոսել, աղոթել ծածուկ և նույնիսկ ձևանալ, որ մենք թուրք ենք, եթե դա անհրաժեշտ է։

— Թուրքերը չար են։

— Ոմանք, այո։ Սակայն մենք ի վիճակի չենք ընտրելու այն մարդկանց, որոնց հետ շփվում ենք։ Մենք չենք որոշելու, թե ո՞վ է լավը, ով՝ ոչ, մենք պետք է մտածենք միայն ողջ մնալու մասին, որպեսզի նորից տեսնենք քո հորը։

Թովմասը հավաքեց սկուտեղի մեջ մնացած բրնձի վերջին հատիկները։

— Հասկացա՞ր, թե ինչ եմ ասում։

Նա գլխով արեց։

— Կկարողանա՞ս ձևանալ։

Նա նայեց մորը և մի քիչ տատանվելուց հետո պատասխանեց.

— Այո, մայրիկ։

Այն ամենը, ինչ Մարոն ասում էր որդուն, նաև իրեն էր վերաբերում, քանի որ նրա համար հեշտ չէր լինելու բարեկամանալ Ռըզա բեյի հետ, որր կարծես որոշակի դեր ուներ հայերի տեղահանության մեջ։ Հատկապես, որ Մարոն չէր հասկանում այդ տարօրինակ մարդու վարքագծի դրդապատճառները։ Եթե նա տենչում էր Մարոյին, ապա կարող էր նրան տիրանալ վրանում, իսկ հետո վերադարձնել քարավան կամ էլ պահել որպես ստրուկ։ Ինչո՞ւ էր նա իրեն Թովմասի հետ միասին վերցրել հետը և ինչո՞ւ էր հարգալից վերաբերմունք ցուցաբերում։ Մարոն նկատել էր, որ նա աչք չէր կտրում իրենից և բնազդաբար զգում էր, որ գթասրտությունը, կամ էլ իր ամուսնու օսմանյան բանակի սպա լինելու հանգամանքը, շատ աննշան դեր էին կատարել իրեն հովանավորելու Ռըզա բեյի որոշման մեջ։ Նրա վրա տպավորություն էր թողել իր գեղեցկությունը և հմայքը։ Մարոն պետք է խորամանկեր, նա այլ ելք չուներ։

— Սա ընդամենը մի քանի օրվա պատմություն է,— ասաց նա որքան Թովմասին, նույնքան էլ իրեն հանգստացնելու համար։– Հետո մենք գնացք կնստենք և Կոստանդնուպոլիս կմեկնենք։ Դա շատ մեծ և գեղեցիկ քաղաք է, որն այդտեղից շատ հեռու է։

— Հայրիկն այնտե՞ղ կլինի։

— Չգիտեմ։ Միգուցե նա այնտեղ մեզ է սպասում կամ էլ տեղեկություններ է հաղորդել Մեսրոպ քեռուն։ Եթե նա այնտեղ չէ, ապա մենք կապրենք մեր ազգականների մոտ և հայրդ ավելի հեշտ կգտնի մեզ։

Նա վանեց իրեն երբեմն տանջող միտքը, որ նրան միգուցե կաղախան էին հանել։ Միտքը, որ Վարդանը կարող էր մահացած լինել, անտանելի էր Մարոյի համար, հատկապես, որ չէր կարող ունենալ վերջին անգամ նրան տեսնելու չնչին մխիթարանքր։ Նա երբեք չէր համաձայնելու հավատալ նրա մահվանը առանց վկայություն ունենալու։ Ապրելու էր նրան սպասելով։

Թովմասը հայտարարեց լացակումած ձայնով.

— Ես շատ եմ ուզում նրան տեսնել, մայրիկ։

— Ես նույնպես, սիրելիս։ Անդադար նրա մասին եմ մտածում։

Աղախիններր մետաղյա տաշտակ բերեցին, տաք ջրով լի ամաններ, սրբիչներ և մի կտոր օճառ։ Հենց որ նրանք հավաքեցին սեղանը և փոխեցին անկողնու սպիտակեղենը, Մարոն լողացրեց Թովմասին։ Կեղտն այնպես էր թափանցել նրա մաշկի մեջ, որ Մարոն ստիպված եղավ քերել չեչաքարով, և երեխան առանց բողոքելու դիմացավ։ Նա սարսափած նայում էր ջրի այն քանակությանը, որն անհրաժեշտ էր իր մարմինը լվալու համար։ Այդքան ջուրը կբավարարեր տասնյակ մարդկանց ծարավը հագեցնելու համար։ Դեռևս այս առավոտ այդ հեղուկի մի քանի կաթիլն իրեն անասելի հաճույք էին պատճառել։ Նա անձայն լաց եղավ։

— Ցավեցնո՞ւմ եմ,– հարցրեց Մարոն անհանգստացած։

— Ոչ,– ասաց նա քիթը վեր քաշելով։— Ջուրը։

Մարոն հասկացավ, թե նա ինչ էր ուզում ասել։ Ինքը նույնպես մտածում էր ծարավի զգացման մասին, որից նրանք տառապել էին և դեռևս տառապում էին այն հայերը, որոնք մնացել էին քարավանում։

Աղախինները դատարկեցին տաշտակը՝ մաքուր ջրով լցնելու համար։ Մեկ այլ աղջիկ եկավ, ծալված հագուստներ և պայուսակ բերելով։ Այդ շորերի մեջ կային բարակ բամբակյա շապիկ, հողաթափեր, սև զգեստ և մանուշակագույն մետաքսից փարաջա Մարոյի, կարճ տաբատ, շապիկ և կոշիկներ՝ Թովմասի համար։

— Սա բեյի կողմից, իսկ սա,— ասաց աղախինը, մեկնելով պայուսակը,– նվեր է իմ տերերից։

Պայուսակի մեջ մազերի խոզանակ կար, տուփով սուրմա, փոքրիկ հայելի և թաշկինակ։ Հայրենակից պանդոկապանների այս նվերը ջերմացրեց Մարոյի հոգին։ Նա շնորհակալություն հայտնեց աղջիկներին և նրանց ազատ արձակեց։ Սրբիչի մեջ փաթաթված Թովմասը նստած էր մահճակալի եզրին և նայում էր հատակին։ Մարոն կարիք չուներ նրան հարցնելու, թե ինչի մասին էր մտածում, վախը զգացվում էր նրա աչքերում։

— Գնա լուսամատի մոտ,– ասաց նա,– և դուրս նայիր մինչև ես ինձ հարդարեմ։

Թովմասը ենթարկվեց։

— Նկարագրիր, թե ինչ ես տեսնում։

Երեխան չպատասխանեց։

— Թովմա՞ս,– նորից հարցրեց Մարոն։

— Ոչինչ։

— Երկի՞նք, երկինքը տեսնո՞ւմ ես։ Ի՞նչ գույնի է։

— Կարծես արյուն լինի,– պատասխանեց նա մռայլ ձայնով։

— Թռչուններ կա՞ն։

— Այո։

— Ի՞նչ թռչուններ են։

— Ուրուրներ։

— Այստե՞ղ։ Երևի սխալվում ես։ Սպիտա՞կ են, թևերի վրա սև բծեր ունե՞ն։ Դրանց պարանոցը երկա՞ր է, ոտքերն ու կտուցները երկա՞ր են։

— Միգուցե։

— Արագիլներ են։ Հիշո՞ւմ ես։ Նրանք բույն էին դրել Սվասի մեր տան ծխնելույզի վրա։ Երբ թռչում էին, Սասունը քիթը վեր էր տնկում ու հաչում նրանց վրա։

Նա լսեց, թե ինչպես է որդին քիթը կամաց վեր քաշում։

— Այգում ծաղիկներ կա՞ն։ Դու տարբերում ես դրանք։ Արմենը քեզ սովորեցնում էր անունները, երբ դու նրան օգնում էիր մեր սիզամարգերը մշակել։

Դողդոջուն ձայնով Թովմասը թվարկեց այն բույսերը, որ ինքը ճանաչում էր։ Վերջում ասաց.

— Մի աղջիկ վարդեր է քաղում, նա նման է Ջամիլային։

Մարոն հագավ շապիկր և նստեց լուսամատի գոգին մազերը սանրելու համար։ Լեռան վերևում հայտնվեցին առաջին աստղերը։ Հարևան աղավնատնից լսվեց աղավնիների գղգղոցը։ Պարտեզից այն կողմ, ուր կատուն մագլցում էր կոտրած սայլի վրա, վանդակապատ լուսամուտներով փոքր քարե տները հենվել էին մեկը մյուսին։ Անքող աղջիկներր վերադառնում էին աղբյուրից՝ զգալով այն հայացքները, որ իրենց վրա էին գցում պատին հենված ծխող տղամարդիկ։ Մարոն հանկարծ ահավոր հոգնություն զգաց։

— Մենք հիմա կաղոթենք երկնքին նայելով։ Խաչակնքվիր և հայտնիր Աստծուն, թե ում համար պետք է աղոթենք։

— Հայրիկի, տատիկի, կնքահոր, Արաքսի մորաքրոջ, քեզ, ինձ և մնացած բոլորի համար։ Իսկ կարելի՞ է շան համար աղոթել։

Մարոն գլխով արեց։

— Եվ Սասունի համար,— ավելացրեց Թովմասը։

Պատսպարվելով Մարոյի գրկում՝ Թովմասն իսկույն խորը քուն մտավ։ Մարոն մոր մասին էր մտածում։ Նա մահացել էր ընդամենը մի քանի ժամ առաջ, և այդուհանդերձ այդ իրադարձությունը հեռավոր էր թվում։ Միգուցե վերջին շաբաթների իրադարձությունները սպառել էին Մարոյի զգացմունքային պաշարը, և մոր կորստի վիշտը նմանվում էր հին սգի։ Այս սենյակը մի ամբողջ աշխարհ էր բաժանում այն քարանձավից, ուր Մարոն անց էր կացրել նախորդ գիշերը։ Եվ այդ աշխարհի անունն էր հույս։ Նա քնեց՝ մտածելով Վարդանի մասին։

Սակայն Մարոն մղձավանջների մեջ անցկացրեց ողջ գիշերը։ Նա կրկին քայլում էր վերջ չունեցող ճանապարհով, կիզիչ արևի տակ և, առավոտյան արթնանալով, նա իրեն քարանձավում զգաց։ Նա խռխռոցներ էր լսում, ծարավ էր զգում և սով։ Նա ուժասպառ էր և վախենում էր։ Որոշ ժամանակ անց միայն նա գիտակցեց, որ պառկած է մահճակալի վրա, տանիքի տակ։

Եվ նա հասկացավ, որ դեռևս երկար ժամանակ տեղահանությունը տիրանալու էր իրեն մութն ընկնելուն պես և ամեն օր ինքը ստիպված էր լինելու պայքարել դրա դեմ և հաղթահարել այդ բարդույթը։ Նա պատրաստ էր մաքառելու և հաղթելու։

✻    ✻



Ճանապարհի խիճը արտացոլում էր լուսնի լույսը։ Կիրճն անցնելուց հետո Վարդանը նկատեց դրա փայլը Եփրատի ջրերի վրա։ Նրա նժույգը հաճույք էր ստանում այդ գիշերային զբոսանքից, և Վարդանը ստիպված էր նրան զսպել, որպեսզի նա ժամանակից շուտ ուժասպառ չլիներ։ Նա ձիուն քառատրոփ էր թողնում միայն ճանապարհի կարճ հատվածներում։ Արդեն երրորդ օրն էր, ինչ նրանք երկար ճանապարհ էին կտրում։ Հնարավորին չափ արագ Մալաթիա հասնելու համար Վարդանն ընտրել էր կարճ ճանապարհը՝ անցնելով լեռներով։ Իր ճանապարհին նա չէր հանդիպել տեղահանվածների և ոչ մի քարավանի, սակայն տեսել էր անթաղ դիակներ հեղեղատներում ու ճամփեզրերին և ավերված հայկական գյուղեր։

Նա անցավ Խարբերդ տանող ճանապարհի ճամփաբաժանի մերձակա Խարբերդ հայկական ամրոցի մոտով, ապա քուն մտած մի գյուղով և մոտեցավ գետին, որի շրջադարձերն էր կրկնում այն երիզող ճանապարհը։ Ջրի հոսանքի խուլ աղմուկին խառնվում էր գետափին աճող ծառերի սոսափյունը, իսկ խոնավ քամին քաղցրահամ բուրմունք ուներ, որը նմանվում էր գարնանը բարդիների բացված բողբոջների հոտին։ Իր նպատակին մոտենալով՝ Վարդանը և՛ մեծ ոգևորություն էր ապրում, և՛ որոշակի վախ էր զգում։

Առջևում լույս էր փայլում։ Հավանաբար ճամբար էր ճամփեզրին։ Վարդանը կասեցրեց ձիու ընթացքը և զգուշությամբ առաջ շարժվեց։ Ձիեր խրխնջացին, Յըլդըզը պատասխանեց։ Ճամբարածներն իմացան, որ ինչ—որ մեկը մոտենում էր։ Գետափին մեծ խարույկ էր վառվում։ Վարդանը հաշվեց մոտ քսան մարդու ուրվագիծ, որոնց մեծ մասը կանգնեց ճանապարհին։ Վարդանը բացեց պատյանը, որպեսզի հարկ եղած դեպքում ատրճանակը հեշտ հաներ։ Դատելով հագուստից և ոմանց շեկ մազերից՝ դրանք քրդեր էին։ Մորուսավոր և երկարամազ տղամարդիկ զինված էին, ոմանք հին հրացաններով, որոնց փողերը զարդարված էին արծաթյա նախշերով, իսկ ոմանք էլ լրիվ նոր մաուզերներով։ Վարդանը ողջունեց նրանց.

— Սալամ ալեյքում։

— Ալեյքում սալամ,– պատասխանեց մի տղամարդ՝ քրդերեն առոգանությամբ թուրքերենով։– Ո՞ւր ես այդպես գնում։

— Ուր որ պահանջում է ծառայությունը սուլթանին՝ Հավատացյալների առաջնորդին։ Թույլ տվեք անցնեմ։

Նրա զրուցակիցը՝ ալեխառն մազերով մի քուրդ, մատները խրեց գոտու տակ, որից կախված էին երկու ատրճանակ և մեկ երկար դաշույն։ Նա հարցական հայացքով նայեց իր ընկերներին և շարունակեց կեղծ քաղաքավարի տոնով.

— Մենք մտադիր չենք քեզ խանգարել կատարելու քո առաքելությունր, որը պետք է որ շատ կարևոր լինի, եթե դու այսպես սլանում ես գիշերով։ Քո ձին քրտնած է։ Մեզ հետ մի քիչ արաղ խմիր, մինչև ձիդ կհանգստանա։

Վարդանը ելք չուներ և պետք է ընդուներ հրավերը։ Եթե փորձեր դիմադրել, ապա անկասկած նրանց հնարավորություն կտար իրեն սպանելու։ Նրանք բոլորը ավազակի տեսք ունեին, և Վարդանը մտածեց, որ պետք է գործի դներ իր դիվանագիտական ունակությունները։ Նա ցած իջավ և ձին թփից կապեց։ Տղամարդիկ շրջապատեցին նրան։

– Լավ ձի է,– ասաց նրանց առաջնորդը։

— Ես արդեն սպանել եմ մեկին, որն ուզում էր նրան գողանալ։

Այս մարդկանց նման պատասխաններ էին դուր գալիս, և նրանք հավանություն տալով գլուխները տմբտմբացրեցին։ Առաջնորդր բռնեց Վարդանի ուսից և առաջնորդեց կրակի մոտ։

— Այն մարդը, որը չի կարողանում պաշտպանել իր սեփականությունր, արժանի չէ այն ունենալու։

Խարույկի լույսի ներքո Վարդանը մի քանի սայլ տեսավ, որոնք խառնիխուռն բարձված էին տարբեր իրերով, կահույք, հագուստների կապոցներ, կաթսաներ, հեծելասարքեր, պարաններով կապկպած զամբյուղներ։ Վարդանը գործ ուներ ավազակների հետ, որոնք ծագումով հարևան լեռնային գյուղերից էին, ուր ավազակությունը պատվարժան մասնագիտություն էր համարվում։ Ցամաքային այս ծովահենների նախնիները հարձակվում էին Պարսկաստանից, Արաբական թերակղզուց և Ասիայից եկող քարավանների վրա։ Սրանք շարունակում էին ավանդույթը այլ պայմաններում։ Ցույց տալով բարձած սայլերը՝ Վարդանը հիացած տոնով ասաց.

— Դուք աչքիս ասլաններ եք երևում։

Հյուրընկալողները իրենց շոյված զգացին, իսկ նրանց առաջնորդը բացականչեց.

– Ալլահը վկա, դու էլ կարծես արժանավոր մարդ ես։ Դու շրջապատված ես բարեկամներով և կմեկնես առանց խոչընդոտի։

— Իսկ նախնական մտադրությունդ ա՞յլ էր,–հարցրեց Վարդանը խորամանկ ժպիտով։

Մեղավոր երեխայի դեմքի արտահայտությամբ, հսկան գլխով ոչ արեց, իսկ հետո բարձր ծիծաղեց։

— Իմ անունն է Օսման աղա։

— Իմը՝ Շաքիր Իսմայել։

Նրանք նստեցին կրակի մոտ, ուր այծի միս էր խորովվում։ Տնական օղին ձեռքից ձեռք էր անցնում ջրի հետ միասին՝ յուրաքանչյուրը խմում էր հենց շշից։ Վարդանը հարցրեց հյուրընկալողին.

— Աղա... Ուրեմն ցեղապե՞տ ես։

— Այո։ Մեր հոտերը արածում են Դերսիմի սարերում։

Այդ լեռնաշղթան Երզնկայից հարավ էր ընկած։

— Իսկ ի՞նչն է քեզ այսքան հեռու բերել քո տնից։

— Թուրքը իսկական ռազմիկների կարիքն ունի։ Նա մեզ վարձել է իր ոստիկաններին օգնելու համար։ Սակայն մենք տուն ենք վերադառնում։

— Աշխատանքը ձեզ դուր չեկա՞վ։

Ակնհայտորեն իրեն վատ զգալով, Օսման աղան կասկածանքով նայեց հյուրին և մի կում օղի խմեց պատասխանելու փոխարեն։ Վարդանը թեքվեց նրա կողմը և ցածրաձայն ասաց.

— Ես քեզ մի գաղտնիք կբացեմ, ես թուրք չեմ, չերքեզ եմ։ Ծառայում եմ օսմանյան բանակում, որովհետև այլ ելք չունեմ։

Առաջնորդի դեմքը հանդարտվեց, սակայն նրա ձայնը թնդաց բարկությունից.

— Սպանել հյուծված մարդկանց, ծերունիների, կանանց ու երեխաների՝ իրեն հարգող ռազմիկի աշխատանք չէ։ Ես գիտեմ քրդերի, որոնք համաձայնում են իրենց վրա վերցնել կառավարության կեղտոտ աշխատանքը, ամոթ նրանց։

— Դու խոսում ես հայերի ջարդերի՞ մասին։

— Էլ ինչի մասին։ Նրանք քրիստոնյա են, համաձայն եմ, բայց մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել նրանց հետ։ Թուրքն ուզում է, որ երկիրն ամբողջությամբ իրեն պատկանի։ Այսօր՝ հայերը, վաղը՝ քրդերը։

Նրա մարդիկ ձեռքերը բարձրացրեցին և հայհոյանքների տարափ տեղացին սուլթանի վրա։ Նրանց առաջնորդը հանդարտեցրեց իր մարդկանց և շարունակեց.

— Ոչ ոք չի կարող մեզ ոչինչ պարտադրել մեր լեռներում։ Այն հրացանները, որ սուլթանը մեզ է տալիս, մենք կուղղենք նրա դեմ, երբ պահը կհասունանա։

Ձեռքերի ափերը շեփորի պես բերաններին դնելով՝ տղամարդիկ ռազմատենչ աղաղակներ արձակեցին։

Վարդանին իր ձիու մոտ ուղեկցելով, Օսման աղան նրան համբուրեց և «իմ եղբայր» անվանեց։ Խարույկի ծխից հեռու Վարդանի ուշադրությունը գրաված քաղցրավուն հոտը նորից հայտնվեց։

— Սա ի՞նչ հոտ է,– հարցրեց նա։

— Ոնց որ մեղրի բուրմունք լինի, որը տարածվում է գարնանը Դերսիմի ծաղկած լանջերին, այդպես չէ՞։

— Ես քո սարերին ծանոթ չեմ։ Ուրեմն ծաղիկների հո՞տն է։

— Սա, եղբայրս, մահվան հոտն է։ Եթե մոտենաս գետին, այդ հոտը կկորցնի իր հաճելի կողմը, և դու կզգաս փտման գարշահոտությունը։ Եփրատ գետը լեցուն է տակառի պես փքված դիակներով, որոնք դիպչելով ժայռերին պայթում են և չորս կողմ են ցրում իրենց փորոտիքը։

Նրանք բաժանվեցին միմյանց բարի ճանապարհ մաղթելով, և Վարդանը շարունակեց ճանապարհը մթության մեջ։ Ճանապարհը հանդարտորեն իջնում էր դեպի մի հովիտ։ Լուսադեմին Վարդանն անցնում էր բերրի խաղողի այգիներով և պարտեզներով, որոնց հաջորդում էին ծխախոտի ու բամբակի դաշտեր և բանջարանոցներ։ Հասան Չելեբիի ու Սվասի ճանապարհների միացման վայրում ոստիկանները պահակակետ էին դրել։ Մի սպա և երկու զինվոր քնած էին հանգած խարույկի ծխացող ածուխների մոտ։ Մեկը քարին նստած հսկում էր ճանապարհը։ Նա չստուգեց Վարդանի փաստաթղթերը, որը կանգ առավ նրա հետ խոսելու։ Զինվորը շատ հոգնած էր և Վարդանի ողջույնի խոսքերին պատասխանեց խռպոտ ձայնով։

— Այստեղով Սվասից եկող շարասյուն անցե՞լ է։ Չգիտե՞ս։

— Ահա մեկ ամիս է, ինչ անդադար անցնում են։ Ի՞նչ իմանամ որտեղից են։ Նրանց հավաքում են մի ճամբարում Մալաթիայից հարավ։ Այնտեղ միգուցե ձեզ տեղեկություններ տան։

Երբ Վարդանը քաղաքին էր մոտենում, նրան մի քսան սայլ հանդիպեց։ Դրանք վարում էին քողածածկ կանայք։ Նրանք մինչև տասներկու տարեկան երեխաների էին տեղափոխում՝ տղաների ու աղջիկների, որոնց աչքերում կյանք չկար։ Վարդանը կանգնեցրեց սայլերը։ Կարծելով, որ ստուգում էր, առաջին սայլում նստած կինը նրան ճմրթված մի թուղթ տվեց՝ գավառի գայմագամի անցաթուղթը։ Վարդանն իմացավ, որ նրանք արևելյան ճակատում զոհված զինվորների այրիներ էին։ Թոշակ նշանակելու փոխարեն իշխանությունները նրանց երեխաներ էին տալիս։ Այդ բանը հետաքրքրեց Վարդանին։

— Ի՞նչ եք մտադիր անել նրանց հետ։

— Վաճառել այն ընտանիքներին, ում Ալլահը բազմաթիվ զավակներ չի պարգևել։

Նրանց պետք է վաճառեին։ Վարդանը հասկացավ, որ դրանք հայ երեխաներ էին, և նրա սիրտը կծկվեց.

— Գյաուրնե՞ր են։

— Նրանք դավանափոխ կլինեն։ Ուզո՞ւմ ես մեկին։ Նայիր դրանց, գեղեցիկ են ու արդեն կարող են դաշտում աշխատել։ Միգուցե մի քիչ նիհար են, սակայն այս տարիքում նրանք շուտ քաշ կհավաքեն։ Տղա՞։ Աղջի՞կ։ Ընտրիր, էժան կտամ։

Վարդանը գլխի շարժումով հրաժարվեց և կնոջը նշան արեց, որ անցներ։ Նա այդ բոլոր երեխաներին իր հետ կտաներ, եթե հնարավորություն ունենար։ Նրա առաջին մղումն էր ձին քշել և գլուխը դարձնել, սակայն չկարողացավ։ Պետք էր, որ ինքը նայեր, որ ինքը վկա լիներ։ Կար մեկ այլ պատճառ ևս, որը նա չէր համարձակվում խոստովանել և որը ստիպում էր նրան զննել այդ դեմքերից յուրաքանչյուրը. Թովմասը կարող էր նրանց մեջ լինել։ Ցավից հետո եկավ վրդովմունքը։ Այս երեխաներին ծնողներից խլելուց հետո ստիպելու էին մոռանալ իրենց հավատքը, լեզուն ու մշակույթը։ Վարդանը շատ լավ էր պատկերացնում նրանց զգացմունքները, հուսահատությունը, որն արտացոլվում էր նրանց աչքերում։ Նրանք դանդաղ անցան իր առջևով և նրա սիրտը վշտից մարում էր, երբ այդ դեմքերը մեկընդմիշտ հեռանում էին իր տեսադաշտից։ Նրան համակել էր անդառնալի կորստի զգացում։ Ինքը ոչինչ չէր կարող անել այդ երեխաների համար։ Նա նայում էր, թե ինչպես էին նրանք հեռանում, հետո կատաղի կերպով ասպանդակեց իր ձին։

Վարդանն անցավ Մալաթիայի հայկական թաղով կամ այնտեղով, ուր այն եղել էր։ Խանութները թալանված էին։ Տներից շատերը դատարկ էին, մյուսները զբաղեցրել էին մահմեդական ընտանիքներ։ Մի եկեղեցի, որի խաչն անհայտացել էր, որպես պահեստ էր ծառայում։ Երեխաների դեմքերր վերադարձան Վարդանի հիշողության մեջ և տանջում էին նրա հոգին։ Մեկ ամբողջ ժողովրդի՝ իր ժողովրդի մահը։

Այն պահին, երբ Վարդանը հեռանում էր Մալաթիայից հարավային ճանապարհով, Ռըզա բեյի կառքը քաղաք էր մտնում արևմուտքից՝ Կեսարիայի ճանապարհով։

Այն երեք օրերի ընթացքում, որ Մարոն ճանապարհորդում էր Ռըզա բեյի հետ, վերջինս իրեն բարեկիրթ էր պահում նրա հետ և համբերատար՝ Թովմասի հետ, որը միայն այո կամ ոչ էր պատասխանում իրենց բարերարին։ Այդուհանդերձ, Ռըզա բեյը ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Մարոյի հանդեպ։ Ուզում էր ամեն ինչ իմանալ նրա մասին, հարցեր էր տալիս նրա կյանքի, նրա ծագման և մանկության մասին։ Մարոն հիշում էր իր երիտասարդությունը Կոստանդնուպոլսում, խոսում էր իր ծնողների, իր ճանապարհորդությունների ու Վարդանի մասին, հատկապես Վարդանի, իր զրուցակցին հիշեցնելու համար, որ ինքը ուրիշ տղամարդու կինն էր, որովհետև Ռըզա բեյի ուշադրությունը երբեմն սևեռուն էր դաոնում։ Մարոն զգուշորեն մանևրում էր։ Նա պետք է զսպեր անպատշաճության ցանկացած դրսևորում, սակայն չպետք է իր դեմ լարեր հովանավորին։ Նա զգում էր, որ ժամանակն իր դեմ էր գործում։

Պահակազորով շրջապատված կառքը ճանապարհ հարթեց մարդաշատ փողոցներով։ Տաղավարների տակ պատսպարված վաճառականները կանչում էին անցորդներին, և յուրաքանչյուր գնում ուղեկցվում էր սակարկություններով։ Ջրավաճառները, գլանաձև ամանները ուսին, բաժակներր գոտկատեղից կախ տված զամբյուղների մեջ, իրենց կանչերն էին ավելացնում խոսակցությունների աղմուկին։ Սրճարաններում տղամարդիկ խմում ու նարգիլե էին ծխում առանց շեղվելու իրենց աշխույժ զրույցից։ Մահմեդական օրացույցի իններորդ ամսի՝ ռամադանի նախօրեն էր։ Հաջորդ օրվանից մահմեդականները պետք է առավոտից մինչև մայրամուտ ծոմ պահեին և հրաժարվեին նույնիսկ ծխելուց և սիրային խաղերից։

Թովմասը հետաքրքրությամբ էր նայում այդ քաղաքին։ Նրա հետաքրքրությանը խառնվում էր նաև տխրություն։ Քաղաքը հիշեցնում էր Սվասի շուկայի թաղը, ուր նա շատ էր սիրում գնալ։ Նա ոտքի կանգնեց ավելի լավ տեսնելու համար։ Հետաքրքրասերներր շրջան էին կազմել արջ վարժեցնողի շուրջը, որը եկել էր Սև ծովի ափերից։ Շագանակագույն մորթով կենդանին կանգնել էր հետևի թաթերի վրա ու պարում էր դավփ ու զուռնայի նվագակցությամբ։ Ամեն անգամ, երբ գազանր անցնում էր երեխաների մոտով, նրանք բարձր ճիչեր էին արձակում։ Վախեցած մայրերը կրծքներին էին սեղմում վախեցած մանուկներին, զվարթ երիտասարդները ձևանում էին, թե հարձակվում էին կենդանու վրա։

Դարեր շարունակ անփոփոխ ռիթմով ապրող Մալաթիայի բնակիչներին ամենևին էլ չէին մտահոգում պատերազմը և հայերի ճակատագիրը։ Եվ բաց մեքենայի հայտնվելը, ուր նստած էին գերմանացի սպաներ, անպատեհ թվաց։

— Մայրիկ, ավտոմեքենա,— բացականչեց Թովմասը հիացած։

— Դու դեռ շատ մեքենաներ կտեսնես, տղաս,— ասաց Ռըզա բեյը,— և եթե դու ցանկություն ունենաս, այդպիսի մեքենա կնստես։

— Այո,— քաղաքավարի պատասխանեց Թովմասը։

Նրա ձայնն անարտահայտիչ էր և նա աչքերը հեռացրեց մեքենայից։ Չնայած մոր խնդրանքին, երեխային չէր հաջողվում թաքցնել հակակրանքը իրենց հովանավորի նկատմամբ։

Ռըզա բեյին էին հատկացրել գայմագամի պալատի մի թևը և ծառաներ։ Հոգնածության պատրվակով նա հրաժարվեց նախաճաշել գավառապետի հետ, որին նա, ի դեպ, արհամարհում էր։ Ամեն դեպքում այդ Ալի բեյը հեռացվելու էր պաշտոնից։ Նա դա իմացել էր նախօրեին Գանի բեյի հեռագրից, որի հետ պետք է Մալաթիայում հանդիպեր։

Նրանք ճաշեցին իրենց տրամադրված թևում։ Ճաշն այնպես չանցավ, ինչպես երազում էր Ռըզա բեյը։ Իհարկե, Ռըզա բեյի պատվերով երաժիշտներ էին հրավիրվել, սակայն նրան կաշկանդում էր բռի Պետրիի և իրեն սառը հայացքով նայող երեխայի ներկայությունր։ Նա ցանկանում էր Մարոյի հետ մենակ մնալ և սկսել նրան սիրահետել։ Այդ հնարավորությունն ունենալու համար նա վճռել էր Պետրիին թողնել Մալաթիայում որոշ հարցեր կարգավորելու։ Ինչ վերաբերում էր իրեն, նա վճռել էր անմիջապես Այնթապ չվերադառնալ։ Նա ավելի շուտ ճանապարհը կթեքեր և կանցներ Դիարբեքիրով և Ուռհայով շրջայցը շարունակելու պատրվակով։

Ճաշից հետո Աբդուլայի օգնությամբ Ռըզա բեյը փոխեց զգեստները։ Պետրին հետևել էր նրան հրահանգներ ստանալու համար։ Մալաթիայի ճամբարը կարևոր նշանակություն ուներ տեղահանության գործընթացում։ Անատոլիայի հյուսիս—արևելքից եկող շարասյուների ճանապարհին ընկած վերահսկողական կետերից մեկն էր։ Իրավիճակն այնտեղ ծանր էր։ Արդեն կուտակվել էր մոտ տասնհինգ հազար հայ և շուտով ժամանելու էին այլ շարասյուներ ևս։

— Պետք է ճամբարը դատարկել,– ասաց Ռըզա բեյն իր օգնականին, երբ Աբդուլան ամրացնում էր նրա օձիքը։– Բոլորին կուղարկես Սիրիական անապատ։

— Մենք քարավանները հսկող մարդկանց պակաս ունենք։

— Բանտ գնա ու մարդ ընտրիր, որոնք այդ գործը կանեն։

— Այս խոզ գավառապետը չի ցանկանա նրանց ազատել։ Դուք նրան գիտեք, նա սիրում է գործին խառնվել։ Հայերի բարեկամն է։

Ռըզա բեյը, որը սև բաճկոնն էր հագնում, փռթկաց.

— Բանի տեղ մի դիր։ Հենց այս երեկո նա կհավասարվի հողազուրկ գյուղացու հետ։

— Ալլահը մեծ է։

— Կեսօրից հետո ես մեկնելու եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչպիսին է վիճակը Դիարբեքիրում։ Այստեղ իրավիճակը կարգավորելու հարցում հույսս քեզ վրա եմ դնում։ Այստեղ է ոմն Գանի բեյ՝ ներքին գործերի նախարարի տեղակալը։ Նա ինչ—որ տեսակետից իմ վերադասն է, համապատասխանաբար նաև քոնը։ Անհրաժեշտության դեպքում քեզ կօգնի։ Սակայն զգույշ կլինես։ Նա նեղացկոտ մարդ է, որը շուտ է զայրանում։ Երբ գործդ այստեղ ավարտես, մենք կհանդիպենք Այնթապում։

— Ամեն ինչ կարվի ձեր կարգադրության համապատասխան,– պատասխանեց Պետրին, հրաժեշտ տալով։

Մի քանի րոպե անց Ռըզա բեյը քայլերն ուղղեց դեպի պալատի այն թևը, ուր իջևանել էր Գանի բեյը։ Նա գնում էր անբռնազբոս և միևնույն ժամանակ հպարտ տեսքով, և լավ կարված կոստյումը չէր կաշկանդում նրա շարժումները։ Նրա մայրը հաճախ էր կրկնում, որ ինքը նման էր իշխանի, և երբեմն նա գրեթե հավատում էր դրան։

Միջանցքներից մեկում նա հանդիպեց Մարոյին, որը բռնել էր Թովմասի ձեռքր։ Հենց որ Մարոն մենակ էր մնում, հանում էր քողը։ Ռըզա բեյը նկատեց, որ նա ավելի լավ տեսք ուներ։ Նրա դեմքի գույնը բացվել էր, իսկ աչքերը կորցրել էին տենդագին փայլը։ Նրա գեղեցկությունը վերստին ծաղկում էր ապրում, ինչպես բույսն անձրևից։ Ռըզա բեյը Մարոյին իր հետ էր վերցրել առանց մտածելու, թե որքան ժամանակ էր նրան իր մոտ պահելու և թե ինչպիսին էր լինելու նրա ճակատագիրը։ Այն պահին ընդամենը քմահաճույք էր, թանկարժեք իր, որից նա կարող էր հոգնել։ Սակայն ընդամենր երեք օր անց, նա իրեն արդեն կապված էր զգում այդ կախարդական էակի հետ։

Մեղմ ժպիտով Մարոն նրան հարցրեց.

— Ես ձեր բանտարկյա՞լն եմ, Ռըզա բեյ։

— Ինչո՞ւ ես այդպես կարծում,— զարմացավ Ռըզա բեյը։— Ո՞վ է քեզ այդ անհեթեթ միտքը ներշնչել։

— Երբ ցանկացա զբոսնել քաղաքում, ձեր պահակազորայիններից մեկն արգելեց։

— Իմ հրամանն է։ Քո անվտանգության համար։ Քանի դեռ դու և քո որդին ինձ հետ եք, վախենալու բան չունեք, սակայն մենակ... Դու ազատ ես և եթե անպայման ուզում ես դուրս գալ, ապա Աբդուլան և երկու այլ տղամարդ քեզ կուղեկցեն։

Մարոն ուզում էր գնալ ամերիկյան վարժարանը, որի դիմացով անցել էին։ Դրա տնօրենը գուցե կկարողանա՞ր նամակ ուղարկել Կոստանդնուպոլիս՝ Մեսրոպ քեռուն։ Նա ուզում էր այդ բանն անել Ռըզա բեյից թաքուն։ Վերջինս շարունակեց.

— Դու կարող ես դուրս գալ, բայց արդյո՞ք դա անհրաժեշտ է։ Մենք մեկնելու ենք երկու կամ երեք ժամից, Գանի բեյի հետ իմ հանդիպումից հետո։

Այդ անունը լսելով՝ Մարոն ներքուստ սարսռաց։ Գանի բեյ։ Նա, ով ձերբակալել էր տվել Վարդանին և որն իրեն ծաղրել էր։ Նա չպետք է իրեն տեսներ և ճանաչեր։ Նա թաքցրեց շփոթմունքր և պատասխանեց.

— Այդ դեպքում ես կսպասեմ իմ սենյակում։

— Այ դա խելամիտ որոշում է,– հայտարարեց Ռըզա բեյը բավարարված տեսքով։

Կնոջ վերջին խոսքերը նա ընկալեց որպես իրեն հաճոյանալու ցանկություն։ Նա մոտեցավ Մարոյին և կզակը վեր քաշելով հարցրեց.

— Փողկապս ճի՞շտ է կապված։

Մարոն բնազդաբար ձեռքերը մեկնեց փողկապն ուղղելու համար, սակայն անմիջապես ընդհատեց այդ շարժումը։ Նա զղջում էր այդ ակամա շարժման համար։

— Ճիշտ է կապված,— ասաց նա ցածրաձայն։

— Իսկ կոստյո՞ւմս։ Ներկայանալի՞ տեսք ունեմ։

Նա անընդհատ ծուղակներ էր լարում Մարոյի դեմ։ Ի՞նչ կարող էր անել Մարոն նրա անհերքելի նրբագեղությունն ընդունելուց բացի։ Դա ազնվացեղ մարդ էր և գիտակցում էր իր գրավչությունը։ Կկոցելով աչքերը, որը նրան չարաճճի տեսք էր տվել, նա սպասում էր Մարոյի պատասխանին։

— Դուք շատ լավ տեսք ունեք։

— Զգացված եմ,— ասաց նա՝ խառնելով Թովմասի մազերը, որը չդիմադրեց։

Մարոն գլխով արեց ու հեռացավ, խռովված հոգով և երեխային քարշ տալով իր հետևից։ Ռըզա բեյը նայեց, թե ինչպես էր նա հեռանում՝ բարակ բեղը շոյելով։ Ինչ գեղեցիկ էր նա։ Հանկարծակի շիկնած նրա այտերը... Անհնազանդ կենդանու նյարդային քայլվածքը։ Ինչպիսի՞ մարմին էր թաքցնում այդ զգեստը։ Ռըզա բեյն զգաց, թե ինչպես է տենչն արթնանում իր հոգում։ Նա հառաչեց ու շարունակեց ճանապարհը։

Գանի բեյի բնակարանը մտնելուց առաջ Ռըզան կանգ առավ մի լուսամատի դիմաց, որի ապակու մեջ իրեն զննեց։ Եվ նույնպես համարեց, որ «շատ լավ տեսք ուներ»։ Սև կոստյումն իրեն էլ ավելի բարեկազմ էր դարձնում։

Նա թակեց նախասրահի դուռը։ Երիտասարդ ծառան՝ շատ գեղեցիկ մի պատանի, որին Գանի բեյը ծառայության էր վերցրել Սվասում, բացեց դուռը և գնաց զեկուցելու։ Ռըզան չէր կարողանում ազատվել որոշակի տագնապից։ Նա հանդիպել էր Գանի բեյին երկու անգամ մայրաքաղաքում։ Առաջին անգամ Իթթիհատի մի հավաքին, իսկ հետո Բոսֆորի ափին գտնվող Դոլմա Բախչե պալատում բարձրաշխարհիկ ընդունելության ժամանակ։ Դա մինչև Ռըզա բեյի պաշտոնական առաքելություն ստանձնելն էր։ Այսօր Գանի բեյը նրա վերադասն էր և եկել էր տեղում ստորադրյալի աշխատանքի մասին դատելու։

Գանի բեյը, դարձյալ շատ գեր, նստած էր ցածր բազմոցի վրա, որը դրված էր կամարաշարի առջև։ Ստվերոտ ներքին բակում կարկաչում էր շատրվանի շիթը։ Ստորակարգությունն ընդգծելու համար բարձրաստիճան պաշտոնյան իրեն նեղություն չէր տվել պաշտոնական հագուստ հագնելու։ Նա տեղից չշարժվեց, սակայն ժպտաց այցելուին, որից նրա այտերն էլ ավելի փքվեցին։

— Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր շրջանում,– ասաց Ռըզա բեյը խոնարհվելով։

— Իսկ ես շատ ուրախ եմ հանդիպելու մի մարդու, որին հարգում եմ։

Գանի բեյը Ռըզա բեյին առաջարկեց նստել իր դիմաց և նրան ծխախոտ առաջարկեց։ Պատանին զովացուցիչ ջրեր մատուցեց ու հեռացավ։

— Լա՞վ եք ճամփորդել։

— Ճանապարհներն անտանելի են, իսկ շոգը՝ հեղձուցիչ,— պատասխանեց Գանի բեյն իր ծխախոտը գետնին թափ տալով։— Չմոռանանք նաև գարշահոտությունը, որ տիրում է որոշ վայրերում։

Վերադասի մտածելակերպին մի քիչ ծանոթ լինելով, Ռըզա բեյը գիտեր, որ հարկավոր էր նվազագույնի հասցնել իր հաջողությունները և ընդգծել սեփական գործունեության բացթողումները։ Նա մեղավոր տեսք ընդունեց.

— Գիտեմ... Ես հրամայել էի, որ շարասյուները չանցնեին գլխավոր մայրուղիներով և որ դիակները կիտեին ճանապարհներից հեռու։ Նույնն է, ինչ գայլի գլխին ավետարան կարդաս։ Ստիպված եմ բավարարվել տականքներով, կատարողները ավազակներ են, բութ անասուններ։ Գործն ավելի լավ կարվեր, եթե ես իսկական զինվորներ ունենայի։

Ինչպես և կանխատեսել էր Ռըզա բեյը, նրա վերադասը հակաճառեց.

— Դուք արդարանալու կարիքը չունեք, Ռըզա բեյ, դուք շատ լավ եք աշխատում ձեր ձեռքի տակ եղած միջոցներով։ Ձեր հաշվետվությունները լավ տպավորություն են թողել մեր նախարարի վրա և այն, ինչ ես տեսա Սամսունում ափ իջնելիս, հաստատում է ձեր աշխատանքի արդյունավետությունը։

— Շնորհակալություն, Գանի բեյ։ Այդուհանդերձ ցանկալի չեմ համարում, որ դիակների այդ կույտերը տեսնեին այն օտարները, որոնք շրջագայում են Անատոլիայով մեկ։

Գանի բեյր ձեռքը թափ տվեց.

— Կարևոր չէ։ Այս պատերազմի առկայությամբ աշխարհը այլ մտահոգություններ ունի, քան մի քանի դիակ Անատոլիայում։ Կարևորը հնարավորինս շուտ ազատել հյուսիսն ու արևելքը անցանկալի տարրերից։ Երբ այդ ձեռնարկն իրականացված կլինի, ժամանակ կունենանք հետևանքները վերացնելու։

— Պետք չէ ուշացնել։ Իմ հաշվարկներով տեղահանությունները կավարտվեն ձմեռվա սկզբին, իսկ հետո պետք կլինի հետախուզել նրանց, ովքեր խույս են տվել մեզնից։

— Ճիշտ է։ Դուք այն եզակի մարդկանցից եք, որոնք հասկանում են այս միջոցառման իսկական նպատակը, վերացնել բոլոր նրանց, ովքեր կարող են շարունակել այդ ցեղը, իսկ երեխաներին դավանափոխ անել, մեր շարքերը լրացնելու համար։ Թող նրանց երիտասարդ կանայք, որոնք տրվել են թուրքերին, լույս աշխարհ բերեն փոքրիկ թուրքերի։

— Որդեգրման գործընթացը լավ է ընթանում, հատկապես կառավարության կողմից երեխա որդեգրած աղքատ րնտանիքներին ամեն ամիս 30 լիվրի հատկացումից հետո։ Այդուհանդերձ, արտասահմանյան միսիոներները խոչընդոտում են մեր ծրագրերին իրենց որբանոցներով։ Եվ բազմաթիվ գավառապետեր գերադասում են համագործակցել նրանց հետ։

— Իմ ճանապարհորդության մեկն էլ այդ խնդրի կարգավորումն է։ Այստեղ ես վարվել եմ այնպես, ինչպես վարվել եմ այլուր։ Ես փոխարինել եմ Ալի բեյին մեր մարդկանցից մեկով։ Ես պետք է ազատվեմ նաև Այնթապի գավառապետից։

— Շատ լավ կլիներ,– բացականչեց Ռըզա բեյը։

— Դուք այնտեղ եք ապրում, և ես ուզում եմ ձեզ նշանակել այդ գավառի գավառապետ։

Ռըզա բեյը չկարողացավ թաքցնել իր ուրախությունը։ Նրա զարմանքն անկեղծ էր, նա հույս ուներ այդ պարգևը ստանալ, սակայն ոչ այդքան շուտ։

— Դա երջանկություն կլինի ինձ համար, Գանի բեյ։ Թող Ալլահը շնորհի ձեզ իր օրհնությունը։

Գանի բեյը գլխի շարժումով ընդունեց երախտագիտության այդ խոսքերը և նոր ծխախոտ վառեց։ Նա շարունակեց.

— Ես ձեր առջև մի պայման եմ դնում, դուք կշարունակեք, այդուհանդերձ, կազմակերպել տեղահանությունները։

— Դա առանձնակի բարդությունների հետ կապված չի լինի, քանի որ տեղահանվածների մեծ մասը ժամանում է մեր շրջանը։

— Դուք կվերահսկեք նաև շրջակա գավառների գավառապետներին։

— Կանեմ այնպես, ինչպես կցանկանաք, և դուք չեք զղջա այն վստահության համար, որին ինձ արժանացրել եք։

— Ես կանխավ համոզված եմ։ Եվս մի ցուցում։ Բացի կոդավորված իրական հաշվետվություններից, որոնք արդեն իսկ ուղարկում եք, դուք մեզ կուղարկեք նաև չկոդավորված փաստաթղթեր։ Ցուցափեղկի համար։ Այդ հաշվետվություններում ափսոսանք կհայտնեք տարագիրների վիճակի, նրանց կրած զրկանքների կապակցությամբ, կառավարությունից կպահանջեք միջոցներ ձեռնարկել նրանց վիճակը բարելավելու նպատակով։

Ռըզա բեյի դեմքին խորամանկ ժպիտ հայտնվեց.

— Խոսքը հայերին պատերազմական գործողությունների շրջանից հեռացնելու մասին է. կառավարությունը կերակրում է տեղահանվածներին և գյուղեր է կառուցում նրանց համար։

— Հենց այդպես,– բացականչեց Գանի բեյր, որին հիացրեց իր զրուցակցի մտքի ճկունությունը։

Ռըզա բեյը երջանիկ էր։ Նրա առաջխաղացումը ազգային վարչակարգում ավելի սրընթաց էր, քան ինքն էր նախատեսել։ Հետևաբար ինքն իրավացի էր եղել հարելով Իթթիհատի քաղաքական գործիչներին, որոնց հետ, այդուհանդերձ, տարաձայնություններ ուներ։ Ինչպես միշտ բնազդն իրեն չէր դավաճանել և նա ճիշտ էր կռահել, թե քամին որ կողմից էր փչելու։ Գավառապետ։ Իսկ մի օր էլ նախարար։ Ինքն անմիջապես հեռագրով կհայտնի մորը՝ Բույուկ խանումին, այս նորությունը, որը երջանիկ կլինի ու կհպարտանա իրենով։ Ի՜նչ հանդիսավորությամբ նա իրեն կրնդունի։ Հանկարծ Ռըզա բեյը հիշեց Մարոյի գուշակությունր։ Հաղթական վերադարձը, որ նա տեսել էր սուրճի նստվածքի մեջ, ահա թե ինչ էր իրականում։ Այդ հայուհին գուշակության իսկական տաղանդ ուներ։ Թող օրհնված լինի այն օրը, երբ ինքը փրկեց նրան։

✻    ✻



Մալաթիայից հարավ ընկած Բեյ լեռան երկու կողմերում արևելք-արևմուտք առանցքով շարված էին Անտիտավրոսի գորշ գագաթները։ Ճամբարը գտնվում էր դրանց ստորոտում, փոշոտ մի հովտում։ Այն հեռվից էր երևում խարույկների ծխի և ցածր վրանների շնորհիվ։ Ճամբարին հասնելուց առաջ Վարդանն անցել էր հսկայական մի խարույկի մոտով, որն այրվող մսի գարշահոտություն էր տարածում։ Անգործ մնացած ոստիկանների անտարբեր հայացքների ներքո քաղաքացիական անձինք այրում էին դիակները։

Կանաչ վրանները գցված էին պահակազորի համար։ Գաղթականների ճամբարը բացօթյա էր։ Նրանցից ոմանք արևից պատսպարվել էին հին կտորտանքից պատրաստված ծածկերի տակ։ Ճամբարը բազմաթիվ հեկտարներ էր գրավում, և Վարդանը առանց պահակների ուշադրությունը իր վրա գրավելու մտավ դրա տարածքը։ Նա շատ հուզված էր։ Տարօրինակ լռություն էր տիրում այդ ահռելի տարածքում։ Այն խախտում էին միայն ծծկեր երեխաների լացր և հազի նոպաները։ Զուգարաններ չկային, իսկ քամին չէր ցրում արտաթորանքի և կեղտոտ մարմինների հոտը։

Գրեթե ուղղագիծ կենտրոնական միջանցքը տանում էր դեպի ջրհորը, որը պահպանում էին ոստիկանները։ Այդ միջանցքի երկու կողմերում տեղավորվել էին գաղթականների խմբերը, իսկ նրանց միջև մնացած ազատ տարածքում նեղ և ոլորապտույտ արահետներ էին գոյացել։ Բացառությամբ մի քանի ծերունիների և պատանիների, տղամարդ չկար։ Հիմնականում նիհար և հյուծված, գրեթե մերկ կանայք և երեխաներ էին։ Ծարավից, սովից և ուժասպառությունից մարդկային կերպարանքր կորցրած դեմքերի վրա, որոնք այլակերպվել էին հիվանդություններից կամ վերքերից, հողմահարվել էին արևից ու քամուց, կարելի էր տեսնել համատարած հուսահատության արտահայտություն և այն մարդու հնազանդությունր, որը մահվանն էր սպասում որպես փրկության։ Այն մտքից, որ Մարոն, Թովմասն ու Ազնիվ խանումը այդ խեղճ մարդկանց մեջ էին, Վարդանը գլխապտույտ ունեցավ, սարսափին մերձեցող մի զգացում։

Նա այդ մղձավանջային տեսարանին էր նայում և աչքերին չէր հավատում։ Մինչ այդ տեղահանությունը նրա համար վերացական գաղափար էր և ոչ մի իրական կապ չուներ իր աչքերի առջև ծավալվող ողբերգական տեսարանի հետ։ Ինքր, որ չէր կարողանում տեսնել հիվանդ մարդու առանց նրան բուժելու մղում զգալու, այժմ հայտնվել էր հազարավոր տառապող էակների մոտ և անկարող էր օգնել թեկուզ մեկին։ Նրա վրդովմունքը անսահման էր։ Ինչպե՞ս կարող էին իրենց քաղաքակիրթ համարող մարդիկ այդքան անմարդկային և այդքան դաժան գտնվել իրենց նմանների նկատմամբ։

Վարդանը սեղմեց ատամները և դանդաղորեն առաջ շարժվեց այն հույսով, որ հայտնաբերելու էր իր հարազատներին, և վախենալով, որ նրանց կարող էր գտնել կիսամեռ վիճակում։ Սկզբում ձի հեծած, հետո ոտքով, նա անցավ ճամբարր բոլոր ուղղություններով՝ դանդաղեցնելով ընթացքը, կամ կանգ առնելով յուրաքանչյուր խմբի մոտ։ Ժամեր շարունակ նա ուսումնասիրում էր տառապանքից այլակերպված այդ էակներին, փորձելով գտնել ծանոթ դեմքեր։ Երբեմն ինչ—որ ուրվագծից նրա սիրտը սկսում էր արագ բաբախել, սակայն ամեն անգամ հիասթափություն էր ապրում։ ժամանակն անցնելու հետ նա դադարեց պատրանքներ ունենալ։ Նա հասկացավ, որ հենց առաջին պատահած ճամբարում իր ընտանիքին գտնելր հրաշք կլիներ։ Եթե ինքր որևէ տեղեկություն ունենար, որևէ հետք։ Այն տեղահանվածները, որոնց նա հարցնում էր՝ տեսե՞լ էին արդյոք Սվասից տեղահանվածների, իրեն էին նայում դատարկ աչքերով կամ էլ ուսերն էին թոթվում։

Վարդանի ուշադրությունը գրավեցին ինչ-որ ճիչեր։ Հինգ ծեր կին հավաքվել էին գետնին պառկած մի էակի շուրջը։ Կմախքի նմանվող մի կին բոլոր տեսակետներից նորմալ և առողջ երեխա էր ծննդաբերել, որը զարգացել էր՝ հյուծելով իր մոր մարմինը։ Մայրն, իհարկե, կաթ չուներ և այժմ այդ անմեղ էակը պետք է սովի մատնվեր։

Ծեր կանայք մի քանի կաթիլ ջուր զոհաբերեցին երեխային մկրտելու համար։ Նրանցից մեկը ծոցից հանեց փոքր մի սրվակ և օծեց երեխայի դեմքը, ձեռքերն ու ոտքերը։

— Սա բուժական ձեթ է հոդացավերի դեմ,– ասաց նա պահելով սրվակը,– սակայն Աստված ավելի վատ բաների է ականատես եղել...

Այդ ձայնը։ Վարդանն այն լսել էր։ Նա մոտեցավ և դիպավ կնոջ ուսին, որը վեր թռավ և շրջվեց։ Նա կասկածամիտ տեսք ընդունեց, մնացած պառավները հեռացան, իսկ մայրը երեխային կրծքին սեղմեց։ Նիհարած դեմքն անճանաչելի էր դարձել, սակայն աշխույժ և խելացի հայացքը անփոփոխ էին մնացել։ Սա, իհարկե, Գալստյան այրին էր, այն բուժակը, որր Սվասում դեղատուն ուներ։ Երբ Վարդանը թուրմեր էր գնում Ազնիվ խանումի համար, այրին կատակով պնդում էր, որ ինքը գալիս էր իր գաղտնիքները գողանալու։

— Ի՞նչ ես ուզում,– չոր տոնով հարցրեց նա թուրքերենով։

Վարդանը հայերենով պատասխանեց.

— Դուք ինձ մեղադրում էիք, որ ես վնասում էի ձեր առևտրին իմ քիմիական թույներով։

Ծեր կինը մի քանի վայրկյան ուսումնասիրեց զրուցակցի դեմքը, հետո բռնեց նրա ձեռքերը և սեղմեց իր այտերին։ Նա լաց էր լինում։

— Վարդան Պալյան, Վարդան Պալյան։ Սա երազ է...

— Կամաց,– պատասխանեց Վարդանը չորս կողմը նայելով։

— Ինչպե՞ս պատահեց...

— Կարևոր չէ։ Ասացեք, տեսե՞լ եք կնոջս, որդուս, զոքանչիս։ Նրանք այստե՞ղ են։

— Եթե իմանայիր, թե ինչ ենք մենք քաշել։ Խոսք չկա նկարագրելու համար...

— Իմ ընտանի՞քը,– պնդեց Վարդանը՝ նրան թեթևակիորեն թափ տալով։

— Զոքանչդ մահացավ հյուծվածությունից մի քանի օր առաջ։

Վարդանը, սարսափահար, գլուխը թափ տվեց։ Նա անհանգստացավ.

— Կինս և որդի՞ս։

— Այդ օրվանից ես նրանց չեմ տեսել։ Նրանց իր հետ տարավ մի տղամարդ։

— Տարե՞լ է, ինչպե՞ս։ Ուժո՞վ։ Այլ տեղահանվածների հե՞տ։

— Նրանք մենակ էին նրա հետ, իր արաբայի մեջ։ Կարծում եմ, որ նրանց փրկեց, որովհետև դու սպա ես։

— Ինչո՞ւ եք այդպես կարծում։

— Եթե ցանկանար տանել կնոջդ որպես սիրուհի, ապա չէր մտահոգվի երեխայի մասին։

Վարդանը թեթևացած շունչ քաշեց իմանալով, որ Մարոն ու Թովմասը ողջ էին և ազատվել էին քարավանի զրկանքներից։ Այն մարդը, որ նրանց օթևանել էր, միգուցե իր ծանոթ սպաների՞ց էր։

— Այդ մարդու անունն ի՞նչ էր:

— Չգիտեմ, մենք նրան միայն մեկ անգամ ենք տեսել։

— Համազգեստո՞վ էր։

— Ոչ։ Քաղաքացիական անձ էր։

— Որևէ մեկը գիտի՞, թե ով էր նա։

— Չեմ կարծում։

— Ձեզնից բացի ես այլևս ոչ մի սվասցի չեմ տեսել։ Արմե՞նը։ Արաքսի՞ն։

— Մահացել են։ Բոլոր տղամարդկանց սպանել են։ Կան մի քանի սվասցիներ՝ կանայք, երեխաներ, որոնց երևի չես ճանաչում։ Մնացածները ճանապարհին մնացին, վաճառվեցին ստրկության կամ տեղափոխվեցին այլ շարասյուներ։ Սարսափելի էր...

Նա հանկարծ լռեց և կզակի շարժումով ցույց տվեց մի մարդու, որն արագ քայլերով մոտենում էր` չնայած իր աժդահա մարմնին։ Ֆեսը ծռած, նա թարս նայեց Վարդանին, որը նրան նույն ձևով նայեց։ Թույլ չտալով, որ նա խոսեր, Վարդանը վստահ ձայնով հարցրեց.

— Ի՞նչ ես ուզում։

— Այստեղ ես եմ հարցեր տակիս։ Անո՞ւնդ։

— Լեյտենանտ Շաքիր Իսմայել։

— Լրտեսը,– բացականչեց Պետրին՝ ձեռքը տանելով ատրճանակին։

Առանց երկար մտածելու Վարդանը հարձակվեց այդ մարդու վրա։ Նա գլխով հարվածեց նրա փորին և կառչեց նրա ձեռքից, որով նա ատրճանակն էր հանում պատյանից։ Ազատ ձեռքով Պետրին բռնեց Վարդանի պարանոցը։ Նրանք պայքարում էին։ Վարդանը հանկարծ այրոց զգաց ձախ ազդրում, և միևնույն ժամանակ կրակոցը նրան խլացրեց։ Ցավից կատաղելով՝ նա զգաց, որ իր ուժը կրկնապատկվում է և կարողացավ վայր գցել Պետրիին։ Վարդանն ընկավ նրա հետ և ծնկով հարված հասցրեց նրա աճուկներին։ Նրա պարանոցը սեղմող ձեռքը թուլացավ։ Մի ձեռքով Վարդանը անշարժացրել էր հակառակորդի ձեռքը, որով նա պահել էր ատրճանակը։ Մյուսով մի մեծ քար վերցրեց և հարվածեց Պետրիի քունքին։ Վերքից արյուն ցայտեց։ Վարդանը նորից հարվածեց։ Հակառակորդր կորցրեց գիտակցությունը։

Վարդանը չորս կողմը նայեց։ Կրակոցը ոչ մեկի ուշադրությունը չէր գրավել, և ոչ մի պահակ կարծես թե չէր նկատել կարճ մենամարտր։ Նա արագորեն ոտքի կանգնեց, ձին հեծավ և շարժվեց տեղահանվածների խմբերի մեջով կենտրոնական միջանցքին հասնելու համար։ Փախչե՞լ։ Նրա նժույգը հոգնած էր ամբողջ գիշերր ճամփա կտրելուց հետո։ Ձիավորները իրեն շատ շուտ կհասնեին, որոնց անկասկած կուղարկեին իր հետքերով։ Քաղա՞ք։ Ո՞վ կմտածեր իրեն այնտեղ փնտրելու մասին։ Այնտեղ նա հեշտությամբ կձուլվեր ամբոխի հետ։ Վարդանն անցավ մի խումբ ոստիկանների մոտով, որոնք ճան էին խաղում, նրանց ձեռքով արեց և քառատրոփ վարգեց։

Վերքը խորը չէր, սակայն ցավն այրում էր նրա ազդրը։ Մոտից արձակած գնդակը վնասել էր ազդրի մկանները, իսկ վառոդը այրել էր մաշկը վերքի շուրջ։ Վարդանը թաշկինակով մաքրեց արյունը։ Այդ մարդը ասաց «լրտես»: Ի՞նչ էր դա նշանակում։ Վարդան Պալյանի՞ն էին փնտրում, թե այն մարդուն, որի անունը ինքը կրում էր հիմա։ Իբրահիմն ասաց, որ այդ փաստաթղթերը կեղծ էին։ Շաքիր Իսմայել անունով մարդ չկար։ Ուրեմն իր փախուստը հայտնի էր դարձել... Ի՞նչ էր պատահել Սվասում իր մեկնելուց հետո։ Իբրահի՞մ։ Հալի՞թ փաշա։ Միայն թե նրանք անախորժություններ չունենային իր պատճառով։

Իր բարեկամների կապակցությամբ անիմաստ և անպատասխան հարցեր տալու փոխարեն Վարդանը գնահատեց իրավիճակը։ Գոնե գիտեր, որ Մարոն ու Թովմասը ողջ էին, և որ ինչ-որ մեկր հոգում էր նրանց մասին։ Ինչո՞ւ և ի՞նչ պայմաններում։ Այդ պայմանները չէին կարող ավելի վատ լինել, քան գաղթականների քարավանը։

Ամենահրատապ խնդիրն իր անվտանգությունն էր։ Իր նոր անունը հայտնի էր, և ազատ տեղաշարժը անհնարին էր դառնում։ Իհարկե, նա կարող էր ճանապարհորդել սարերով և ամայի վայրերով ձերբակալությունից խուսափելու համար, սակայն ի՞նչ կարող էր դա իրեն տալ։ Մարոյին ու Թովմասին գտնելու համար ինքը, հակառակը, պետք է անցներ քաղաքներով ու գյուղերով, խառնվեր թուրքերի հետ, գնար նրանց տները, բացեր ականջներն ու աչքերը, հարցեր տար։ Ի՞նչ էր անելու։

Երբ քաղաքին էր մոտենում, նրա գլուխը մի միտք եկավ։ Ամերիկյան վարժարանը։ Այնտեղ նրան կօգնեին կեղծ փաստաթղթեր ճարել կամ էլ գոնե կկարողանային թաքցնել մի քանի օր, այնքան, որքան պետք էր վերքը բուժելու համար, և որպեսզի ոստիկաններր մոռանային իր մասին։

✻    ✻



Երբ Պետրին ուշքի եկավ, նրան սկզբում թվաց, որ իր գլուխը սեղմում էին օղով։ Հետո զգաց, որ ձախ կողմն ավելի էր ցավում։ Նա ձեռքը տարավ քունքին և երբ հետ քաշեց՝ արնոտ էր։ Դեռևս լրիվ ուշքի չեկած, նա գետնին նստեց և մտքերն ի մի բերեց։ Լրտես Շաքիր Իսմայելը։ Նրան էր նկարագրում հետախուզության թռուցիկը, որը Պետրին ստացել էր մի քանի ժամ առաջ։ Նա դժվարությամբ ոտքի կանգնեց և բղավելով կանչեց ոստիկաններին։ Բոլոր կողմերից, վազելով, մարդիկ եկան։ Ճամբարը հյուսիսից հսկող ոստիկանները տեսել էին մի լեյտենանտի, որը կես ժամ առաջ շտապ լքել էր ճամբարը։ Պետրին տասներկու ձիավոր ուղարկեց նրան փնտրելու, հիսուն լիվր խոստանալով այն ոստիկանին, որը նրան կբռներ, ցանկալի էր՝ ողջ։

Պետրիին ստիպված էր սպասել, հույս ունենալով, որ մյուսները ավելի հաջողակ կլինեին, քան ինքը։ Նա կատաղած էր։ Չէ՞ որ նա այստեղ էր, հենց իր դիմաց։ Եթե նրան բռներ, ապա իշխանությունները իրեն կհարգեին և բացի դրանից նյութական պարգևատրություն կտային։ Նա հանկարծ հիշեց, որ լրտեսը խոսում էր մի պառավի հետ։ Նա դեռևս այդտեղ էր, մի կնոջ կողքին, որր կրծքին էր սեղմել երեխային։ Նա մոտեցավ ու մատը տնկեց ծեր կնոջ վրա.

— Ո՞վ էր այն մարդը, որի հետ դու խոսում էիր, երբ ես մոտեցա։

— Զինվոր,– պատասխանեց Գալստյան այրին։

— Նրա անունը Շաքիր Իսմայե՞լ է։

Կինը մի պահ տատանվեց.

— Ինչպե՞ս ասացիք։

— Ի՞նչ էր ուզում նա։

— Որ ես իրեն տամ դրամն ու զարդերը։ Ես ասացի, որ դրանք արդեն գողացել են։

— Ստում ես, կախարդ պառավ։ Նա քեզ պես հայ էր։

Պետրին նրան ապտակեց, և այրին գետնին ընկավ։ Նա նայեց ուղիղ նրա աչքերին։ Նրա ստորին շրթունքից արյուն էր հոսում։ Պետրին պնդեց.

— Ակնհայտ է, որ դու նրան ճանաչում էիր։ Ի՞նչ էր նա ուզում։

— Ես ասացի՝ դրամս։

Պետրին նորից նրան հարվածեց։ Այս անգամ այրին նկատեց, որ նա հարվածելու էր և հարվածն ընդունեց առանց վայր ընկնելու։

— Դու կխոսես։ Հենց հիմա, առանց անախորժությունների սպասելու:

Ծեր կինը քմծիծաղ տվեց.

— Ես կորցնելու բան չունեմ։ Դու կարող ես ինձ սպանել, և դա ազատագրում կլինի ինձ համար։ Դու ոչինչ չես իմանա։

Պետրին կատաղությունից փրփրել էր, նրա գլխի վերքը իրեն զգալ էր տալիս։ Նա բավականաչափ լավ գիտեր մարդկանց և հասկանում էր, որ այս պառավը չէր խոսելու նույնիսկ տանջանքների ենթարկվելով։ Այդ ժամանակ նա, առանց ուշադրություն դարձնելու մոր թախանձանքներին, ծննդաբերած կնոջ ձեռքիցխլեց նրա երեխային և ոտքից բռնելով գլխիվայր կախ տվեց։ Նորածինը լացում էր։ Պետրին դանակը հանեց և հպեց ցնցվող երեխայի մարմնին։ Մայրը, ձեռքերը պարզած աղերսում էր, որ երեխային իրեն վերադարձներ։ Գալստյան այրին այլայլվեց։ Պետրին հաղթանակած ծիծաղեց.

— Դե ասա, ի՞նչ էր նա ուզում։

— Տեղեկություններ իր ընտանիքի մասին։

— Ե՞վ...

— Նրանք բոլորր մահացել են։

— էլ ի՞նչ գիտես։

— Ոչինչ։

— Որտեղի՞ց էր գալի։ Ո՞ւր էր գնում։

— Չգիտեմ։ Ես ամեն ինչ ասացի, երդվում եմ։

Պետրին ձեռքը բաց թողեց, և երեխան ընկավ մոր վրա, որը նրան ճիշտ պահին բռնեց։

Նա հանեց ատրճանակը ու կրակեց այրու կրծքին, որը վայր ընկավ առանց ձայն հանելու։

— Ահա և դու ազատվեցիր,– բացականչեց նա հեռանալուց առաջ։

Մեկ ժամ անց պարեկների խմբի ղեկավար ենթասպան եկավ Պետրիի վրանը իր զեկույցը ներկայացնելու։

— Ոչինչ։ Նույնիսկ հետքեր չկան։

— Անշնորհք,— ոռնաց Պետրին և բռունցքի հարվածով ենթասպաին գետին տապալեց վրանի առաջ։

Նա իր ձին հեծավ և շտապ մեկնեց գավսաապետի պալատը:

✻    ✻



Ռըզա բեյը, ծնկներին քարտեզը փռած, վերադասի համար ամփոփում էր ընթացող օպերացիան։ Բոլոր շարասյուները դեպի Հալեպ և Ուռհա էին գնում։

— Իսկ այնտեղի՞ց,— հարցրեց Գանի բեյր։

— Ռաս-Էլ-Ային, էլ Ռաքքա, Դեյր-Էր-Զոր։ Վերջին կայանը անապատի ավազներն են և Եփրատի ջրերը։

— Լավ է, լավ է,– ասաց Գանի բեյը՝ հարմար տեղավորվելով բազմոցի վրա։

Մտավ երիտասարդ ծառան և խոնարհվեց տիրոջ առջև։

— Բեյ էֆենդի, Պետրի անունով մի մարդ ուզում է ձեզ տեսնել։ Ասում է, որ կարևոր գործով է եկել։

Գանի բեյը հարցրեց Ռըզա բեյից, որը բացատրեց.

— Իմ օգնականն է։

— Ներս թող,— ասաց Գանի բեյը պատանուն։

Պետրիի այդ ներխուժումը դուր չեկավ Ռըզա բեյին։ Ի՞նչ էր պատահել։ Գանին թեքվեց դեպի Ռըզա բեյը։

— Ձեր օգնակա՞նը... Եթե ես չեմ սխալվում, այդ մարդը շատ գործունյա է եղել Աբդուլ Համիդի օրոք, ճիշտ չէ՞։

— Այո, սակայն նա քավում է մեղքերը՝ ծառայելով Իթթիհատի նպատակներին։ Նա ոչնչի առաջ չի նահանջում, երբ պետք է հրաման կատարել։ Նա իմ բռում է, և ես երաշխավորում եմ նրա նվիրվածությունը։

— Ձեր վստահությունն ինձ բավարարում է,– պատասխանեց Գանի բեյը հասկացող ժպիտով։– Ո՞վ կարող է հպարտանալ, որ երիտասարդ տարիքում մեղքեր չի գործել։

Հենց այդ պահին Պետրին սենյակ մտավ։ Շփոթվելով՝ նա զգաստ կանգնեց տղամարդկանց դիմաց։ Ո՞ւմ պետք է դիմեր առաջինը։

— Ի՞նչ կա,– հարցրեց Ռըզան անհամբերությամբ։

Պետրին մեկ շնչով ասաց.

— Ես տեսել եմ այն լրտեսին, որին փնտրում են։

Ռըզան չէր հասկանում, թե ինչի մասին էր նա խոսում, սակայն Գանի բեյը գունատվեց ու պայթեց.

— Ի՞նչ։ Այստե՞ղ։ Մալաթիայո՞ւմ։ Ես կարծում էի, որ նա Ռուսաստան է ուղևորվում կամ մայրաքաղաք։ Նա՞ էր, վստա՞հ ես։

— Նա լեյտենանտի համազգեստով էր և ասաց, որ անունր Շաքիր Իսմայել է։ Նույն անունը տպված է հետախուզության թռուցիկում։ Ես փորձեցի նրան ձերբակալել։ Տեսեք։

Նա գլուխը թեքեց, որպեսզի ցույց տար իր վերքը։ Գանի բեյի խնդրանքով Պետրին պատմեց Վարդանի հետ իր մենամարտի մասին։ Նկարագրեց նաև նրա արտաքինը։

Մանրամասների առատության հետ մեկտեղ Գանի բեյի մտքում պարզորոշ ուրվագծվում էր այն մարդու կերպարը, որին նա ուզում էր մահապատժի ենթարկել։ Որքան էր հիմա ափսոսում, որ թույլ չէր տվել Մուսթաֆային ոչնչացնել բանտարկյալին իր աչքի առաջ։ Նա լսել էր այդ դավաճան Իբրահիմի խորհուրդը։ Այդ հայը համակիրներ ուներ բանակում։ Ուստի Թալեաթ փաշան իրավացի էր, որ կասկածում էր բանակի բարձրաստիճան սպաներին հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Պալյան... Ինքը կարծում էր, որ նա անմեղ էր, որ ընդամենը պոտենցիալ վտանգ էր ներկայացնում, ինչպես մնացած աչքի ընկնող հայերը, և որ այդ վտանգը պետք էր վերացնել պարզապես զգուշությունից։ Ինչպիսի սխալ։ Նա անկասկած կապեր կունենար ապստամբների, բանակի անհնազանդ տարրերի հետ, միգուցե ծառայում էր թշնամուն։ Եվ նման մարդը ազատության մեջ էր։

— Ափսոս, որ հնարավորություն ես տվել նրան փախչելու,—հայտարարեց Գանի բեյր կատաղի տոնով։– Ես թանկ կվճարեի նրա գլուխը ստանալու համար։ Ի՞նչ էր նա անում տեղահանվածների ճամբարում։

— Իր ընտանիքն էր փնտրում։

— Բնականաբար,– ասաց բարձրաստիճան պաշտոնյան մտածկոտ տեսքով։– Նրանք այնտե՞ղ էին։

— Ոչ։ Կարծես թե բոլորը մահացել են։

— Դու շրջանի բոլոր ոստիկանական անցակետերին տագնապ հայտարարե՞լ ես։

— Այո,– պատասխանեց Պետրին։

Գանին դժվարությամբ ոտքի կանգնեց՝ հենվելով իր դիմաց դրված ցածր սեղանին ու սկսեց ճեմել սենյակով գլորվող քայլվածքով։ Նա ձեռքերն էր շփում և խոսում էր ինքն իր հետ։

— Բանակում, անկասկած, նրա լուսանկարը կա։ Ես հայտարարություն տպել կտամ, որը կտարածվի կայսրությունով մեկ։ Հարկավոր է, որ ձեռքի տակ եղած բոլոր տղամարդիկ նետվեն նրա հետևից։ Ես ուզում եմ, որ հետախուզվեն բոլոր լեռները, հարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր երթևեկում են ճանապարհներով, որ խուզարկվեն շրջանի նույնիսկ ամենափոքր գյուղերի բոլոր տները։

Նա կանգ առավ Պետրիի առջև ու հրամայեց.

— Գնա ու նոր գավառապետին ասա, որ վազելով գա այստեղ։

Ռըզա բեյը վեր կացավ հրաժեշտ տալու մտադրությամբ.

— Դուք կարծես թե չափազանց վրդովված եք, Գանի բեյ։ Կարո՞ղ եմ ձեզ օգնել։

Բարկությունից Գանի բեյը մոռացել էր Ռըզայի ներկայության մասին։ Նա մի պահ զարմանքով նայեց նրան։

— Այո, դուք կհետևեք, որ խուզարկությունները չդադարեն մինչև նա գտնվի։

— Ինձ թվաց, որ խոսքը լրտեսի մասին է։

— Լրտես, ապստամբ, ես նույնիսկ չգիտեմ։ Դա մի հայ է, որին իմ հրամանով մահապատժի էին դատապարտել Սվասում։ Պալյան։ Վարդան Պալյան։

Մարոյի ամուսինը։ Ռըզայի զարմանքն արտացոլվեց նրա դեմքին։

— Դուք նրան ճանաչո՞ւմ եք,– հարցրեց Գանին հետաքրքրված։

— Ոչ,– պատասխանեց Ռրզան ինքնակառավարումը վերագտնելով։— Սակայն այս անվան մեջ ինչ-որ ծանոթ բան կա։

— Հնարավոր է։ Նա պատգամավոր է եղել Կոստանդնուպոլսում Իթթիհատի առաջին կառավարության ժամանակ, իսկ հետագայում շատ է զրպարտել կայսրությանը օտար մամուլի էջերում։

Ռըզա բեյը ձևացավ, թե մտածում էր։

— Պալյան... Հա՜, հիշեցի։ Ժամանակին ես աշխատող եմ ունեցել այդ ազգանունով։

— Դա անկասկած նույն մարդը չէ,– ասաց Գանի բեյը, որը հավատաց իր զրուցակցի ստին։– Այն Պալյանը, որին մենք փնտրում ենք, մտավորական է։

— Վտանգավո՞ր է։

— Ես չէի մտածում, որ վտանգավոր է, սակայն այժմ պետք է արձանագրեմ, որ վտանգավոր է։ Ա՜խ, եթե նրա ընտանիքը մեր ձեռքում լիներ, որպես խայծ։

Ռըզա բեյը թուքը կուլ տվեց և ասաց.

— Ես մեծ հատուցում կնշանակեմ այդ մարդուն բռնելու համար։ Հանգստացեք, Գանի բեյ, նա երկար չի մնա ազատության մեջ։

Միմյանցից բաժանվելով՝ նրանք պայմանավորվեցին հանդիպել Այնթապում մի տասն օր անց։

Ռըզան այլևս իրեն անվտանգության մեջ չէր զգում Մալաթիայում։ Մարոյի ամուսինը փնտրում էր կնոջը և որդուն։ Միգուցե նա հետքեր գտներ, որոնք կբերեին Ռըզայի մոտ։ Այլևս խոսք չէր կարող լինել Ուռհա գնալու մասին։ Նա շուտափույթ պետք է վերադառնար իր կալվածքը՝ Այնթապ։ Պետք էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի Մարոն չիմանար, որ ամուսինը ողջ էր և մոտակայքում էր։ Ուրեմն նա ստել էր ասելով, որ նա կռվում էր ճակատում։ Նրա կողմից ճարպկության վկայություն էր որպես մահվան դատապարտվածի կին չներկայանալը։ Նրա խելքի ևս մեկ վկայություն։ Ռըզան թույլ չէր տա, որ իրենից խլեին նրան։

✻    ✻



Նեղ փողոցների լաբիրինթոսում մոլորվելուց հետո Վարդանն ի վերջո դուրս եկավ բարդիներով երիզված մի լայն փողոց և գտավ ամերիկյան վարժարանը։ Ցանկապատի առջև երկու ժամապահ հսկում էին մուտքը։ Վարժարանի բակում պիստակի ծառի ստվերում սրածայր սաղավարտներով զինվորները նստած խմում էին։ Ժամապահներից մեկը տեղեկացրեց, որ ամերիկացիները հեռացել էին Ալեքսանդրետ, իսկ շենքը զբաղեցրել էին գերմանացի հրետանավորները։

Հիասթափվելով, քանի որ ինքը հույս ուներ ամերիկացիներից օգնություն ստանալ, Վարդանը շարունակեց ճանապարհը։ Քիչ այն կողմ Վարդանը տեսավ շվեյցարական բողոքական միսիայի պատին փակցված պղնձե ցուցանակը։ Գորշ քարից կառուցված ուղղանկյուն երկհարկանի շենքը դպրոցի էր նման՝ դեպի բակ բացվող լուսամուտներով։ Վարդանը այլ ելք չուներ, քան փորձ անել դիմելու շվեյցարացի միսիոներների օգնությանը։ Նա ձիուց վայր իջավ և, ոտքը գետնին դնելով, ցավից ատամներր կրճտացրեց։ Նա մի քանի անգամ քաշեց զանգի շղթան։

Վերջապես տան շեմին հայտնվեց սպիտակ հագուստով մի կին։ Դա բարձրահասակ եվրոպացի կին էր, լայն կոնքով և մեծ կրծքով։ Նա դարպասին մոտեցավ զինվորականի քայլվածքով։ Մոտ քառասուն տարեկան էր, կոպիտ և տգեղ դեմքով, մազերը շեկ էին, իսկ մանր երկնագույն աչքերր լի էին վճռականությամբ։ Նա ծանր էր շնչում, և դրանից նրա կուրծքը բարձրանում և իջնում էր, հետն էլ վզից կախված ոսկեզօծ խաչը։ Նա խիստ հայացք նետեց այցելուի վրա։

— Ի՞նչ եք ուզում,– հարցրեց նա վատ թուրքերենով։– Մենք ամեն ինչ օրենքի սահմաններում ենք անում։

— Ես այն չեմ, ինչ դուք կարծում եք,– պատասխանեց Վարդանը ֆրանսերեն։– Ես կուզենայի խոսել միսիայի ղեկավարի հետ։

Կինը մի պահ զարմացավ, հետո շարունակեց ֆրանսերենով.

— Միսիայի ղեկավարը ես եմ։ Դուք ո՞վ եք և ի՞նչ եք ուզում:

— Կարո՞ղ ենք խոսել ավելի ապահով վայրում։

Նա հաճախակի անհանգիստ հայացքներ էր գցում չորս կողմր, և միսիոներուհին զգաց, որ նա նյարդայնանում էր։ Նա նկատեց վերքը, որը Վարդանը հնարավորինս փորձում էր թաքցնել ձեռքով և հարցրեց շփոթված.

— Դուք թուրք չեք, չէ՞։

— Ես հայ եմ։

Նա չէր հավատում.

— Փաստաթղթեր ունե՞ք։

— Դրանք կեղծ են։

— Ձեզ փնտրո՞ւմ են։

Վարդանը հաստատեց։ Կինը նրան ոտքից գլուխ զննեց, հետո նայեց ուղիղ աչքերի մեջ։ Նրան թվաց, որ տղամարդը բաց դեմք ուներ և անկեղծ հայացք։ Չէր կարող պատահել, որ դա օսմանյան իշխանությունների կազմակերպած ծուղակը լիներ։ Համազգեստով մարդ նրանք չէին ուղարկի։ Մեկ պահ վարանելուց հետո միսիոներուհին չորս կողմը նայեց համոզվելու համար, որ ոչ ոք չէր նկատել տղամարդու հայտնվելը, և բացեց դարպասը։

— Ձեր ձին ախոռը տարեք։ Արա՛գ։

Վարդանը, Յըլդըզի սանձից բռնած, հետևում էր կնոջր։ Միսիոներուհին արագ էր քայլում, ցանկանալով այցելուին արագ հեռացնել ինչպես իր սաների, այնպես էլ հնարավոր անցորդների տեսադաշտից։ Համազգեստը կարող էր վախեցնել երեխաներին։ Վարդանը դժվարությամբ էր նրան հետևում, քանի որ յուրաքանչյուր քայլր ուժգին ցավ էր պատճառում նրան։

Ախոռում, որը վաղուց չէր մաքրվել, միայն մեկ ծեր ձի կար։

— Մնացած ձիերին բանակը բռնագրավել է,– բացատրեց կինը, ցույց տալով ազատ մի մսուրք, ուր Վարդանը կանգնեցրեց իր ձիուն։

Կինը նրան էր սպասում դռան բացվածքում, քանի որ օդն ախոռում հեղձուցիչ էր։ Նա ցույց տվեց համազգեստի պատռվածքը ազդրի վրա.

— Դուք վիրավո՞ր եք։

— Մակերեսային վերք է, վտանգավոր չէ։

— Իմ անունն է Դեբորա Լանգլե,– ասաց նա ձեռքը մեկնելով Վարդանին։

Վարդանը կգերադասեր թաքցնել իր անունը, սակայն պարտավոր էր տեղեկացնել միսիոներուհուն։

— Վարդան Պալյան, Սվասից։

— Ի՞նչ կարող եմ անել ձեզ համար։

— Ես փնտրում եմ կնոջս ու որդուս, որոնք գաղթականների քարավանում էին։

Կինը տխրեց և պատասխանեց կարեկցանքով.

— Վստահ եղեք, որ ես ձեզ կարեկցում եմ, պարոն Պալյան։

— Այստեղ Սվասից մարդիկ կա՞ն։

Նա մտածեց ճակատը կնճռոտելով.

— Դժվար է ասել։ Մեզ մոտ օթևանած որբերը տարբեր վայրերից են։ Շատերր փոքր են իրենց ծննդավայրի անվանումը իմանալու համար։

Վարդանը հակիրճ ներկայացրեց իր պատմությունը։ Դեբորա Լանգլեն չգիտեր այն մարդուն, որն իր հետ էր տարել Մարոյին ու Թովմասին։

— Ով ասես կարող էր լինել։

Նա հպվեց Վարդանի ձեռքին և կարեկցանքով ասաց.

— Դա ամենալավ ելքն է նրանց համար։

— Հեշտ է ասել,– արձագանքեց նա ջղային տոնով։

— Ոչ,— պատասխանեց կինր մեղմ տոնով,— ամեն ինչ գերադասելի է քարավաններից։ Երջանկություն է, որ որոշ մահմեդական ընտանիքներ ընդունում են տեղահանվածներին, հատկապես երեխաներին։

— Ընդունո՞ւմ են,— բացականչեց Վարդանը։– Այս առավոտ ես տեսա երեխաների, որոնց պետք է վաճառեին անասունի պես։

— Դա սարսափելի է, ես գիտեմ։ Բայց մտածեք, որ նրանք գոնե կվերապրեն։ Շվեյցարական, ամերիկյան և գերմանական միսիոներները օթևան են տալիս ում կարող են, սակայն նրանք ի վիճակի չեն ապաստան տալ բոլորին։ Մեր միսիայում շատ հայ երեխաներ կան։ Պատերազմի պատճառով դրամը Եվրոպայից դժվարությամբ է տեղ հասնում, և շատ հաճախ ամենակենսական բաների պակասն ենք զգում։ Եվ ամեն րոպե ոստիկանները կարող են գալ և տանել մեր երեխաներին։ Գավառապետ Ալի բեյը մեզ հովանավորում է, սակայն լուրեր են շրջում, որ նա պաշտոնանկ է արվելու։ Ապագան ինձ մտահոգում է։

Վարդանը հիշեց սայլերում նստած երեխաներին, ճամբարներում մեռնող այն խեղճ էակներին, կախաղան հանված Սվասի տղամարդկանց։ Նույն իրադարձությունները պետք է որ կրկնվեին Անատոլիայով մեկ։ Հայաստանը հոգեվարքի մեջ էր։

— Աշխարհը գիտի՞, թե ինչ է կատարվում այստեղ։

— Փոքրիշատե։ Ավելի քիչ, քան շատ։ Ինձ թվում է՝ մի քանի արձագանք է եղել թերթերում։ Հաղորդակցությունր դժվարացել է։ Եվրոպացիների ողջ ուշադրությունը կլանել է պատերազմը։

— Ի՞նչ են անում դիվանագետները։

— Շվեյցարիայի, ինչպես նաև այլ երկրների դեսպաններր դիմում են Կոստանդնուպոլսի կառավարությանը։ Սակայն օսմանցիները խոսում են մարդասիրական պայմաններում իրականացվող կազմակերպված տեղաշարժերի մասին։ Ծայրահեղ դեպքում ընդունում են, որ տեղի են ունեցել զանգվածային բռնությունների որոշ դեպքեր, որոնք արագ ճնշվել են ոստիկանության կողմից։

— Դա լկտի սուտ է։

— Իհարկե... Եթե դուք լսեիք այն սարսափելի պատմությունները, որ ինձ պատմել են տեղահանվածները։ Ես լսել եմ նաև ճանապարհորդների վկայություններր, հատկապես գերմանացի սպաների, որոնք սարսափած էին այն ամենից, ինչ իրենք տեսել էին։ Մինչդեռ զինվորականները, որքան գիտեմ, իրենց գործի բերումով այդքան էլ զգացմունքային չեն։

— Անհրաժեշտ է, որ աշխարհն իմանա այդ ամենի մասին, պետք է դիմել մարդկանց խղճին։ Նրանք կստիպեն իրենց կառավարություններին միջոցներ ձեռնարկել։ Պետք է...

Միսիոներուհին նրան ընդհատեց անզոր շարժումով.

— Այո, պետք է, սակայն ինչպե՞ս։

— Դա միգուցե կարելի կլիներ կազմակերպել, սակայն ես ձեր կարիքը կունենամ։ Կարո՞ղ եք արդյոք միսիոներների կամ հյուպատոսության միջոցով երկրից դուրս նամակներ ու փաստաթղթեր ուղարկել։

Դեբորա Լանգլեն հետ ու առաջ էր քայլում իրեն ձեռքով հով անելով։ Նա ընդհանուր առմամբ պատկերացնում էր, թե ինչ էր ասում այդ մարդը։ Չէր կասկածում, որ կարելի էր գտնել վստահելի մարդկանց, որոնք, անտեսելով վտանգը, կհամաձայնեին տանել այս մարդու նամակները։ Եթե նա տատանվում էր, ապա միայն իր մանկատան համար, իր հոգածությանը հանձնված փոքրիկ երեխաների անվտանգության համար։ Սակայն, մյուս կողմից էլ, ինչպե՞ս կարելի էր անգործության մատնվել՝ տեսնելով այն անմարդկային հանցագործությունները, որոնք իրականացվում էին Փոքր Ասիայում։ Նա անշարժ կանգնեց Վարդանի առաջ.

— Իրականում ի՞նչ եք պատրաստվում անել։

— Ես քաղաքական լրագրող եմ։ Օգտագործելով այն տեղեկություններդ որ դուք ինձ կհաղորդեք, և այն ամենը, ինչ ինքս եմ տեսել, ես ի վիճակի եմ մի քանի բացահայտող հոդվածներ գրել, որոնք կհրապարակվեն արտասահմանում։ Նաև մանրամասն զեկույցներ կուղարկեմ ազդեցիկ մարդկանց Եվրոպայում և Ամերիկայում։

—– Համաձայն եմ։

— Կկարողանայի՞ արդյոք հարցուփորձ անել երեխաներին։

— Առանց համազգեստի, որից նրանք կվախենան։ Ես ձեզ կտամ մեր պարտիզպանի հագուստը։ Սակայն դուք չպետք է պնդեք։ Շատերր շոկային վիճակում են, ոմանք չեն կարող կամ չեն ուզում խոսել։ Նրանց բոլորի աչքերի առաջ դեռևս այն դաժանություններն են, որոնց իրենք ականատես են եղել։

Վարդանը լարված հայացքով նայում էր դռան պոկված ծխնուն։ Ի՞նչ հայացք հիմա ուներ Թովմասը։ Միսիոներուհին մեղմ ձայնով ասաց.

— Քանի՞ տարեկան է ձեր որդին։

— Վեց տարեկան։

— Նա մոր հետ է, և դա արդեն մեծ բան է։ Պետք է պահպանել հավատն առ աստվածային նախախնամություն։

— Ես նրանց կգտնեմ,– ասաց Վարդանը վճռական տոնով։

Միսիոներուհին խղճաց նրան և չարձագանքեց։ Վարդանը կռահեց դա և ավելացրեց.

— Եթե պետք լինի, կխուզարկեմ Անատոլիայի յուրաքանչյուր տունը։

— Իրատես եղեք, պարոն,— ասաց նա։— Ձեզ համար վերապրելն արդեն բավական դժվար կլինի։ Ձեզ փնտրում են, և դուք վիրավոր եք։ Դժբախտաբար Մալաթիայում ես չգիտեմ որևէ մեկին, որը կկարողանար ձեզ համար նոր փաստաթղթեր ճարել։ Ինչ վերաբերում է ձեզ պատսպարելուն, ապա ես մի քանի օրից ավել չեմ կարող ձեզ թաքցնել առանց վտանգելու իմ որբանոցը։

— Երեք օր, ավելին չեմ պահանջում։ Բնականաբար ես կվճարեմ իմ կեցության համար։

— Դուք ստիպված կլինեք բավարարվել ախոռով։ Տան յուրաքանչյուր անկյունը զբաղեցրել են երեխաները, և ես իմ գրասենյակը տեղափոխել եմ մուտքի նախասրահը։

—– Ինձ ախոռն էլ բավական է, օրիորդ Լանգլե։ Կջանամ, որ ինձ չնկատեն։ Ես ձեզնից շատ շնորհակալ եմ և...

Կինը նրան ընդմիջեց հրամայական շարժումով, չցանկանալով շնորհակալության խոսքեր լսել։ Դեբորա Լանգլեն չէր սիրում, երբ ուրիշները պարտավորված էին զգում իր հանդեպ, ինչպես նաև չէր սիրում, երբ իրեն գովում էին նվիրվածության և գթասրտության համար։ Նրան թվում էր, որ հակառակը, ինքը երբեք չէր անում այնքան, որքան պետք էր անել, և որ ինքր չէր կարողանում լինել իր կոչման բարձրության վրա։ Սակայն արդեն տասներկու տարի էր, ինչ իրեն անմնացորդ նվիրել էր դժբախտների վիճակը թեթևացնելու և Հիսուսի հավատքը տարածելու գործին։

Վարդանը հանեց իր քսակը և չորս ոսկի տվեց միսիոներուհուն։

— Սա չափից ավելի շատ է,– դիմադրեց նա։

— Ինքներդ էիք ասում, որ ամենակենսական բաների կարիքն ունեք։ Եթե ես կարողանայի ավելին անել... Դուք չգիտե՞ք, դոկտոր Բլեյկը շարունակո՞ւմ է ղեկավարել Կեսարիայի ամերիկյան վարժարանը։

— Կարծեմ։

— Հաստատությունը չի՞ փակվել։

— Ըստ վերջին տեղեկությունների, ոչ։

Դոկտոր Բլեյկը եղել էր Վարդանի մաթեմատիկայի դասախոսը «Ռոբերտ քոլեջում», և մինչև վերջերս նրանք նամակագրական կապ էին պահպանում։ Նա շատ ճարպիկ մարդ էր, որը կապեր ուներ բոլոր միջավայրերում։ Նա կկարողանար կեղծ փաստաթղթեր ճարել, որոնց շնորհիվ Վարդանը կճանապարհորդեր առանց խոչրնդոտների։ Կեսարիան գտնվում էր ավելի քան երեք հարյուր հիսուն կիլոմետրի վրա, և Վարդանը ստիպված կլիներ հեռանալ այն շրջանից, ուր անկասկած գտնվում էին նրա կինն ու որդին, սակայն այլ ելք չկար։

Դեբորա Լանգլեն նրան հագուստ բերեց, թեյ, թխվածք և վիրակապ վերքի համար։

— Երբ պատրաստ կլինեք, եկեք ինձ մոտ։ Ես ձեզ կներկայացնեմ երեխաներին։

Վարդանը համազգեստը հանեց։ Գնդակը վեց սանտիմետր երկարությամբ վերք էր բացել, որի եզրերը հեռացել էին միմյանցից։ Բարեբախտաբար վնասվել էին միայն մազանոթները։ Նա վերքը ջրով լվաց և մշակեց յոդով։ Նրա ուղեղն այլ բանով էր զբաղված։ Ո՞ւմ էր ինքը գրելու։ Նախ՝ իր եղբայր Նուբարին և քեռորդի Տիրանին, որպեսզի նրանք տեղյակ լինեին իրավիճակին։ Միգուցե նրանք լուր ունեին Մարոյից։ Եթե նա հնարավորություն ունենար, ապա նա անպայման ապաստան կփնտրեր Մեսրոպ քեռու մոտ Կոստանդնուպոլսում։ Համենայն դեպս նրան էլ նամակ կգրի։

Անատոլիայում հայերի ճակատագրի վերաբերյալ իր զեկույցը Վարդանը մտադիր էր հասցեագրել լորդ Բրյուսին՝ բրիտանական քաղաքական գործչին, որը շատ զգայուն էր անարդարության նկատմամբ և տեղյակ էր Հայկական հարցին, և իր հին ծանոթ Անատոլ Ֆրանսին։ Այս երկու մարդիկ լայն լսարան ունեին և կկարողանային արթնացնել միջազգային հասարակական կարծիքր։ Մեկ այլ օրինակ կուղարկեր իր քեռորդի Պարգևին, որն ապրում էր Նյու Յորքում։ Արդեն նրա և Միացյալ Նահանգներում ապրող հայերի խնդիրն էր, որ նախագահ Վիլսոնը ծանոթանար այդ զեկույցի հետ։ Միայն ամերիկյան կառավարությունը կարող էր ճնշումներ գործադրել Օսմանյան կայսրության և նրա դաշնակից Գերմանիայի կայզերի վրա ինչ–որ հաջողության հասնելու հույսով։

Իր նամակներր կունենայի՞ն արդյոք վճռական նշանակություն։ Նորություններն Անատոլիայից արդեն դուրս էին թափանցում դիվանագետների և միսիոներների միջոցով։ Իր ձայնը կմիանա՞ր արդյոք այլոց ձայներին, միգուցե իրեն ականջ չէին դնի, ինչպես չէին լսում ուրիշներին, սակայն ինքը գոնե իր պարտքը կկատարեր։ Պարսկաստանի, Եգիպտոսի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների հայկական համայնքները նույնպես պետք է գործուն մասնակցություն ունենային։ Ինչպես նաև հայրենակիցները Արևեւյան Հայաստանում։ Միայն թե իրենց ջանքերը արագ արդյունք տային։

Գրիչը ձեռքն առնելու միտքը ոգևորում էր Վարդանին։ Նրա գլխում ձև էին առնում սուր ձևակերպումներ։ Նա արդեն պատկերացնում էր այն հոդվածները, որ պետք է գրեր Նյու Յորքի, Ժնևի, Փարիզի և Լոնդոնի թերթերի համար, որոնց հետ ինքը համագործակցել էր անցյալում։

Գրավոր խոսքը կարող էր երբեմն նույնքան գործուն զենք լինել, որքան հրանոթներր։ Ներքին գործերի նախարարը իրավացի էր, երբ ուզում էր իրեն ոչնչացնել։ Նրան դա չէր հաջողվել, և նա դեռ կլսեր Վարդան Պալյանի անունը։

Յըլդըզը խրխնջաց և ոտքը գետնին խփեց։ Վարդանը զգուշորեն դռանը մոտեցավ։ Բազմաթիվ հեծյալներ արագ ընթացքով անցնում էին փողոցով։ Հագուստներից դատելով՝ արաբներ էին։ Նա արագ գլուխը թաքցրեց։

Ռըզա բեյն իր բաց կառքը փոխարինել էր փակ կառքով։ Նա ջղային էր թվում և շտապում էր հեռանալ քաղաքից։ Հանդարտվելու համար նա անընդհատ խաղում էր իր թզբեհով։ Նրա սովորաբար ջերմ հայացքը սառն էր և չոր։ Մեկնելու պահին նա կտրուկ էր պատասխանել իր ուղևորին, երբ վերջինս հարցրել էր ճանապարհորդության տևողության մասին։ Այդ պահվածքը նրան հատուկ չէր և տագնապ էր հարուցել Մարոյի սրտում։ Ռըզա բեյը նստած էր Մարոյին դեմ հանդիման, նրանց ծնկները համարյա թե հպվում էին, և Մարոյի տեսադաշտից նա հեռանում էր միայն այն ժամանակ, երբ կինն իջեցնում էր աչքերը։ Մարոն կիսաբաց վարագույրից նայեց, թե ինչպես էին իրար հաջորդում տների ճակատները։ Խիստ ճարտարապետությամբ գորշ շենքից դուրս եկավ սպիտակ հագուստով մի կին։ Բակում լուռ խաղում էին երեխաները։ Մարոյի սիրտը կծկվեց, երբ տեսավ խաչը պղնձե ցուցանակի վրա։ Շվեյցարական բողոքական միսիա էր։ Այդ հանգրվանի տեսիլքը ցրվեց։ Մարոյին և իր որդուն կառքը տանում էր դեպի անհայտություն: