Անգլուխ ձիավորը

Գրապահարան-ից
Անգլուխ ձիավորը

հեղինակ՝ Մայն Ռիդ
թարգմանիչ՝ Հարություն Հարությունյան
աղբյուր՝ Լիտոպեդիա

Բովանդակություն

Նախաբան

Uավաննայի[1] գիշերային լռության մեջ նիրհող տեխասյան եղջերուն, ձիու սմբակի ձայն լսելով, ցնցվում է տեղում։

Բայց նա չի լքում իր կանաչ մահիճը, նույնիսկ ոտքի չի կանգնում։ Այդ լայնարձակ դաշտը միայն իրեն չի պատկանում․ տափաստանի վայրի ձիերն էլ գիշերները արածում են այստեղ։ Եղջերուն փոքր-ինչ բարձրացնում է գեղեցիկ գլուխը, բարձր խոտի վրա երևում են նրա եղջյուրները, և ականջ է դնում՝ արդյոք ձայնը նորի՞ց կլսվի։

Սմբակների դոփյունը նորից է լսվում։ Այս անգամ կարելի է տարբերել մի նոր ձայն՝ մետաղի զնգոցը, պողպատի զարկը քարին։

Այդ ձայնն անհանգստացնում է եղջերուին։ Նա թափով վեր է թռչում ու սլանում պրերիայով[2]։ Բայց և շուտով կանգ է առնում ու ետ նայում․ այդ ո՞վ էր, որ խանգարեց իր գիշերային հանգիստը։ Հարավային երկնքի լուսնի պայծառ լույսի տակ նա ճանաչում է իր ամենաանողոք թշնամուն՝ մարդուն։ Մարդը մոտենում է ձի հեծած։

Եղջերուն բնազդական վախով համակված՝ արդեն պատրաստ է նորից փախչելու, բայց ձիավորի տարօրինակ տեսքը նրան մեխում է իր տեղում։ Սեղմվելով գետնին և գլուխը ետ պահելով, նա շարունակում է նայել, և նրա խոշոր, շագանակագույն աչքերում վախ ու տարակուսանք են արտացոլվում։

Ի՞նչն է, որ եղջերուին ստիպում է այդպես երկար նայել։

Ձի՞ն։ Բայց դա սովորական ձի է՝ թամբը վրան ու սանձը բերանին։ Նրա տեսքը երկյուղալի ոչինչ չունի։ Գուցե ձիավո՞րն է վախեցրել եղջերուին։ Այո՛, այդ նա է վախեցնում ու տարակուսանք պատճառում․ նրա տեսքը մի տեսակ արտասովոր է աչքի համար, ահասարսուռ։

Երկնայի՜ն ուժեր։ Ձիավորը գլուխ չունի։

Դա պարզ նկատում է նույնիսկ անբանական կենդանին։

Մի վերջին մոլար հայացք գցելով նրա վրա, կարծես ջանալով հասկանալ՝ թե այդ ինչ հրեշ է վախեցնում իրեն, եղջերուն սլացավ դեպի պրերիայի խորքը։ Նա այլևս ետ չի նայում։ Սուզվում է Լեոնա գետի ալիքների մեջ և, միայն մյուս ափը դուրս գալուց հետո, իրեն ապահով է զգում։ Ուշադրություն չդարձնելով եղջերուի վախին, կարծես նույնիսկ չնկատելով նրա ներկայությունը, անգլուխ ձիավորը շարունակում է իր ճանապարհը։

Նա ևս ուղղվում է դեպի գետը, բայց, ինչպես երևում է, ամենևին չի շտապում և առաջ է գնում դանդաղ, հանգիստ, համարյա հանդիսավոր քայլով։

Ասես մտքերի մեջ խորասուզված՝ ձիավորը սանձը բաց է թողել, և նրա ձին երբեմն-երբեմն խոտ է պոկոտում ճանապարհի եզերքից։ Երբ ձին շնագայլերից վախեցած ցնցում է գլուխը և խռխռոցով կանգ առնում մեխվածի պես, ձիավորը ոչ ձայնով, ոչ շարժումներով առաջ չի քշում նրան։ Ասես նա ամբողջովին սուզված է ինչ-որ խոր մտքերի մեջ և ամենևին չի նկատում շրջապատի կյանքը։ Ոչ մի ծպտունով և ոչ իսկ մի շշուկով չի մատնում իր գաղտնիքը։ Վախեցած եղջերուն, ձին, գայլն ու լուսինը նրա լուռ խոհերի միակ վկան են։

Ձիավորի ուսերին գցված է սերապե[3], որը քամու պոռթկումից ծածանվում ու բաց է անում նրա իրանի մի մասը։ Ոտքերին հովազի կաշվից կարված զանգապաններ են։ Պաշտպանված լինելով գիշերային խոնավությունից ու արևադարձային տեղատարափ անձրևներից՝ նա շարունակում է առաջ գնալ լուռ, ինչպես իր գլխավերևն առկայծող աստղերը, անհոգ, ինչպես խոտերի մեջ ծղրտացող ծղրիդները, ինչպես տափաստանի զեփյուռը, որը խաղում է նրա հագուստի ծալքերի հետ։

Բայց հանկարծ ասես ինչ-որ բան ձիավորին դուրս բերեց իր մտքերից․ նրա ձին քայլերն արագացրեց։ Ահա նա գլուխը թափահարեց և ուրախ վրնջաց։ Վիզը մեկնած և ռունգերը փքած՝ նա առաջ է նետվում, վարգով և ապա շուտով անցնում քառատրոփի։

Գետի մոտիկությունը՝ ահա թե ինչն է ձիուն ստիպել արագացնել իր վազքը։

Ձին կանգ չի առնում այնքան ժամանակ, մինչև չի սուզվում գետի վճիտ հոսանքի մեջ, այնպես, որ ջուրը հասնում է ձիավորի ծնկներին։

Ձին ագահաբար հագեցնում է իր ծարավը, լող տալով անցնում գետի մյուս կողմը և արագ վարգով բարձրանում զառիթափ ափով։

Վեր բարձրանալուց հետո անգլուխ ձիավորը կանգ է առնում, ասես սպասելով, որ ձին թափ տա վրայի ջուրը։ Հնչում է թամբասարքի ու ասպանդակների զնգոցը, ասես շանթ որոտա ճերմակ մշուշի մեջ։

Այդ լուսապսակի միջից երևում է անգլուխ ձիավորը։ Նա նորից շարունակում է իր ուղին։ Թվում է, թե հեծյալը քշում է խթաններով և ուղղություն է տալիս ձեռքով, և ձին այլևս չի շեղվում ճանապարհից, այլ վստահ առաջ է գնում ասես ծանոթ շավղով։

Առջևում մինչև հեռու հորիզոն փռված է անծայրածիր սավաննան։ Երկնքի կապույտում գծագրվում է խորհրդավոր ֆիգուրի սիլուետը, որ նման է կենտավրոսի վնասված արձանի։ Նա հեռանում է աստիճանաբար, մինչև որ անհետանում է լուսնի լույսի խորհրդավոր աղջամուղջի մեջ։

Գլուխ I․ Խանձված պրերիան

Միջօրեի արեգակն իր պայծառ լույսով ողողել է Տեխասի լայնածավալ հարթությունը, որ իսպանական Սան Անտոնիո դը Բեխար հին քաղաքից մոտ հարյուր մղոն դեպի հարավ է գտնվում։

Ոսկեփայլ ճառագայթների մեջ երևում են մի խումբ առարկաներ, որոնք արտասովոր բան են վայրի պրերիայի համար։ Նույնիսկ հեռվից կարելի է նկատել, որ դրանք ֆուրգոններ են, որոնց կիսակլոր կողերին ձյունի պես սպիտակ քաթան է քաշված։

Ընդամենը տասն են այդ ֆուրգոնները, որ առևտրական քարավանի կամ կառավարական գումակի համար շատ քիչ է։ Ավելի շուտ դրանք պատկանում են մի որևէ գաղթականի, որը ծովափին իջել է նավից և այժմ գնում է Լեոնա գետի ափին գտնվող նոր ավաններից մեկը։

Ֆուրգոնները երկար շարք կազմած այնքան դանդաղ են սողում տոթակեզ սավաննայով, որ նրանց շարժումը համարյա չի նկատվում։ Ֆուրգոնների միջև եղած մուգ ուրվագծերը ցույց են տալիս, որ նրանք լծված են։ Իսկ վախից փախչող քարայծը և ճիչով վեր թռչող կտցարը վկայում են, որ գումակը, իսկապես, շարժվում է։ Ե՛վ անասունը, և՛ թռչունը զարմացած են, թե այս ինչ տարօրինակ հրեշներ են ներխուժել իրենց վայրի տիրապետությունը։

Կեսօրվա այդ ժամին ամբողջ պրերիայում ուրիշ ոչ մի տեղ չի երևում ո՛չ թռչուն, ո՛չ վազող գազան․ բոլորը ստվերի տակ են մտել։ Եվ միայն մարդն է, որ փառամոլությունից կամ ագահությունից դրդված խախտում է արևադարձային բնության օրենքները և մարտակոչ է ուղղել արևի կիզիչ ճառագայթներին։

Այդպես էլ գումակի տերը, չնայած կեսօրվա ուժասպառ անող շոգին, շարունակում է իր ճանապարհը։

Յուրաքանչյուր ֆուրգոնին լծված է ութ ուժեղ ջորի։ Նրանք տանում են մեծ քանակությամբ ուտելեղեն, թանկագին, նույնիսկ կարելի է ասել շքեղ կահույք, սևամորթ ստրկուհիներ ու նրանց երեխաներին։ Սևամորթ ստրուկ տղամարդիկ ոտքով քայլում են գումակի կողքով, իսկ նրանցից մի քանիսը հոգնած քարշ են գալիս ֆուրգոնների ետևից, բոբիկ, վիրավոր ոտքերը հազիվ գետնին դնելով։ Առջևից ընթանում է մի թեթև կառեթ, որին լծված են լավ խնամված կենտուկյան ջորիներ։ Կառեթի նստատեղին նստած է լիվրեավոր մի սևամորթ կառապան, որը հալումաշ է լինում շոգից։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հյուսիսային նահանգների ինչ-որ աղքատ գաղթական չէ սա, որ գնում է նոր օջախ որոնելու, այլ հարուստ հարավցի է, որն արդեն ագարակ է ձեռք բերել և այժմ այնտեղ է փոխադր-վում իր ընտանիքով, ունեցվածքով ու ստրուկներով։

Եվ իրոք, գումակը պատկան ում է մի ագարակատիրոջ, որն իր ընտանիքի հետ ափ է իջել Ինդիանուում, Մատագորդ ծովածոցի ափին և այժմ պրերիան կտրելով գնում է դեպի իր նոր տիրապետությունը։

Գումակին ուղեկցող ձիավորների գլուխ անցած՝ գնում է ինքը՝ ագարակատեր Վուդլի Պոյնդեքստերը։ Դա մոտ հիսուն տարեկան բարձրահասակ, նիհար մարդ է՝ գունատ, փոքր-ինչ դեղնավուն դեմքով, խիստ ու հպարտ տեսքով։ Հագնված է հասարակ, բայց ճաշակով։ Հագել է մահուդի լայն բաճկոն, ժիլետը սև կերպասից է, շալվարը՝ ընտիր կտորից։ Ժիլետի բացվածքից երևում է նուրբ բեհեզից կարված շապիկը, վզին կապված է սև ժապավեն։ Ասպանդակներին հենած ոտքերին ունի փափուկ կաշվից կարված կիսակոշիկներ, իսկ ծղոտյա լայնեզր գլխարկը նրա դեմքը պաշտպանում է հարավային արեգակի կիզիչ ճառագայթներից։

Նրա հետ գնում են երկու ձիավոր, մեկը աջ կողմից, մյուսը՝ ձախ։ Դրանցից մեկը հազիվ քսան տարին բոլորած պատանի է, մյուսը՝ նրանից վեց-յոթ տարով մեծ մի երիտասարդ։

Առաջինը Պոյնդեքստերի որդին է։ Պատանու ուրախ, կենսախինդ դեմքը ամենևին նման չէ հոր խիստ դեմքին և երրորդ ձիավորի՝ իր ազգականի մռայլ դեմքին։

Պատանին հագել է բամբակյա երկնագույն ֆրանսիական լայն բլուզ, նույնպիսի կտորից շալվար, իսկ գլխին դրել է սպիտակ պանամա։ Այս հագուստը ոչ միայն սազում է պատանու դեմքին, այլև հիանալի համապատասխանում է հարավային կլիմայի պահանջներին։

Երրորդ ձիավորը ագարակատիրոջ քրոջ որդին է։ Սա կամավոր զորքի պաշտոնաթող սպա է։ Հագին մուգ կապույտ մահուդից կարված զինվորական զգեստ ունի, գլխին՝ մահուդե գլխարկ։ Դրանցից քիչ հեռու կա էլի մի ձիավոր, որն ուղեկցում է գումակին։ Նա ևս սպիտակամորթ է, թեև այնքան էլ սպիտակ չէ։ Նրա կոպիտ դիմագծերը, հասարակ հագուստը, ձեռքին բռնած մտրակը, որով նա այնքան հմտությամբ է շրխկացնում, այս ամենը ցույց են տալիս, որ դա սևամորթների վերակացուն է, նրանց տանջողը։

Ծածկակառքի մեջ նստած են երկու աղջիկ։ Նրանցից մեկի մաշկը կուրացուցիչ սպիտակ է, մյուսինը՝ բոլորովին թուխ։ Առաջինը Պոյնդեքստերի միակ դուստրն է, իսկ մյուսը՝ այդ աղջկա ստրուկ սպասուհին։

Այս ճանապարհորդները գալիս են Միսսիսիպիի ափերից, Լուիզիանա նահանգից։

Ինքը՝ ագարակատերը այդ նահանգի ծնունդ չէ, այլ խոսքով ասած՝ կրեոլ[4] չէ։ Այնինչ նրա որդու դեմքին և մանավանդ մերթ ընդ մերթ վարագույրի ետևից դուրս նայող դստեր նուրբ դիմագծերին նայելով հեշտ է կռահել, որ դրանց նախնին եղել է ֆրանսիացի էմիգրանտուհի, մեկը նրանցից, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ կտրեցին անցան Ատլանտյան օվկիանոսը։

Վուդլի Պոյնդեքստերը հարավում շաքարեղեգնի խոշոր ագարակատերերից մեկն էր։ Նա շռայլ կյանք էր վարում և շատ հյուրասեր մարդու համբավ էր վայելում։ Վերջիվերջո նրա տնտեսությունը քայքայվեց, և նա ստիպված եղավ Միսսիսիպիի ափի իր տունը թողնել և ամբողջ ընտանիքով փոխադրվել հարավարևմտյան Տեխասի վայրի պրերիաները՝ իր հետ վերցնելով մնացած փոքրաթիվ խափշիկներին։

Արեգակը համարյա զենիթին է հասել։ Ճանապարհորդներն առաջ են շարժվում դանդաղ, իրենց իսկ ստվերները կոխոտելով։ Սպիտակամորթ ձիավորներն անտանելի՝ շոգից թուլացած՝ լուռ նստած են թամբերին։ Նույնիսկ շոգին սովոր խափշիկները դադարեցրել են իրենց միալար ու տաղտկալի զրույցը և խումբ-խումբ լուռ ու հոգնած քարշ են գալիս ֆուրգոնների ետևից։

Հոգեմաշ լռությունը մերթ ընդ մերթ ընդհատվում է միայն մտրակի շառաչով, որ ասես ատրճանակի կրակոց լինի, և կամ բարձր, թավաձայն ճիչ-աղաղակով, որ դուրս է թռչում ֆուրգոնները քշող մերթ այս, մերթ այն սևամորթի հաստ շուրթերից։

Դանդաղ է շարժվում քարավանը, ասես առաջ՝ է գնում խարխափելով։ Ասենք՝ իսկական ճանապարհ էլ չկա։ Ճանապարհը նկատվում է առաջուց այս տեղով անցած անիվների հետքերով, որոնք նշմարվում են միայն խոտի տրորված լինելուց։

Ագարակատերը ենթադրում է, որ մինչև իրենց նոր տեղը հասնելը ամենաշատը քսան մղոն է մնացել։ Նա հույս ունի, որ մինչև գիշերն իջնելը տեղ կհասնեն։ Դրա համար էլ որոշել է ճանապարհը շարունակել առանց հաշվի առնելու միջօրեի շոգը։

Հանկարծ վերակացուն կառապաններին նշան է անում, որ գումակը կանգնեցնեն։ Մի հարյուր յարդ առաջ գնալով՝ նա հանկարծ, ձիգ է տալիս ձիու սանձը, ասես ինչ-որ արգելքի է հանդիպել։

Նա ետ է սլանում դեպի գումակը։ Անհանգիստ շարժումներ է անում։ Ինչ է պատահել։

Չլինի՞ թե հնդկացիներ են երևացել։ Ասում էին, որ նրանք լինում են այս կողմերում։

― Ի՞նչ է պատահել, միստր Սանսոմ,― հարցնում է ագարակատերը, երբ ձիավորը մոտենում է։

― Խոտը խանձված է։ Պրերիայում հրդեհ է եղել։

― Հրդեհ է եղե՞լ։ Բայց հիմա հո պրերիան չի՞ վառվում,― արագ հարցնում է գումակի տերը՝ մի անհանգիստ հայացք գցելով կառեթի կողմը։ Ո՞ւր է, ես ծուխ չեմ տեսնում։

― Ոչ, սըր,― փնթփնթում է վերակացուն, հասկանալով, որ ինքն իզուր տագնապ է բարձրացրել։― Ես չասացի, որ հիմա է այրվում, ես միայն ասացի, որ պրերիան խանձվել է, և ամբողջ գետինը սևացել է։

― Դե ի՞նչ կա որ։ Կարծում եմ մենք սև պրերիայով էլ նույնքան հանգիստ կարող ենք անցնել, որքան կանաչով։

― Ի՞նչ հիմարություն, Ջոշ Սանսոմ, աղմո՜ւկ բարձրացնել մի դատարկ բանի համար,― միջամտեց Պոյնդեքստերի քրոջ որդին։― Ինչո՞ւ ես իզուր տեղը մարդկանց վախեցնում․․․ Է՜յ, խափշիկնե՛ր, շարժվեցե՛ք։ Առա՜ջ, առա՛ջ քշեցեք։

― Բայց, ասացեք, կապիտան Կոլհաուն,― առարկեց վերակացուն իրեն այդպես խիստ նախատող մարդուն,― հիմա մենք ինչպե՞ս կգտնենք ճանապարհը։

― Ինչո՞ւ պետք է գտնենք ճանապարհը։ Բա՜ն հնարեցիր։ Մենք հո ճանապարհը չե՞նք կորցրել։

― Վախենում եմ, որ կորցրել ենք։ Անիվների հետքերն․ այլևս չեն երևում․ չքացել են խոտի վառվելու հետ։

― Դատարկ բա՜ն։ Կարծես չի կարելի վառված մասն անցնել առանց հետքերի։ Իսկ երբ դուրս գանք մյուս կողմը, այնտեղ հետքերը նորից կգտնենք։

― Այո՛, եթե միայն այնտեղ մյուս կողմ մնացած լինի,― պարզամտորեն պատասխանեց վերակացուն, որը թեև արևելյան նահանգների ծնունդ էր, բայց շատ անգամ էր եղել պրերիայի արևմտյան ծայրում և գիտեր, թե ինչ բան է սահմանամերձ կյանքը։ Ես ինչ-որ այդպիսի բան չեմ տեսնում, թեև նայում եմ թամբի վրայից․․․

― Քշեցե՛ք, խափշիկնե՛ր, քշեցե՛ք,― գոռաց Կոլհաունը՝ խոսակցությունն ընդհատելով։

Եվ ձին ասպանդակելով նա առաջ շարժվեց, դրանով հասկացնելով, որ կարգադրությունն իսկույն պիտի կատարել։

Գումակը նորից ճամփա ընկավ, բայց, հասնելով խանձված պրերիայի սահմանին, հանկարծ կանգ առավ։

Ձիավորները մի կողմ քաշվեցին, որպեսզի քննարկեն, թե այժմ ինչ անեն։ Դրությունն, իսկապես, ծանր էր․ դրանում համոզվեցին բոլորը՝ նայելով առջևում փռված տափաստանին։ Շուրջը, որքան աչքդ կտրի, փռված էր խանձված պրերիան։ Այնտեղ չէր մնացել ոչ մի բույս, ոչ մի ցողուն, ոչ մի տերև։ Հրդեհը տեղի էր ունեցել նորերս, ամառային արևադարձի պահին։ Պրերիայի հասունացած խոտն ու վառվռուն ծաղիկները կրակի ավերող շնչից մոխիր էին դարձել։

Դեպի առաջ, դեպի աջ ու ձախ, որքան աչքդ կտրի, փռված է անսահման տխուր մի պատկեր։ Նույնիսկ հարավային լազուր երկնակամարն այստեղ բոլորովին մութ է թվում։ Արեգակը թեև սքողված չէ ամպերով, բայց կարծես չի էլ ուզում այստեղ լուսավորել և ասես մռայլ գետնին նայելով ինքն էլ նոթերը կիտել է։

Վերակացուն ճիշտ էր ասել․ ճանապարհի հետքն էլ չէր մնացել։

Հրդեհը պրերիայի հասունացած խոտը մոխրացնելով՝ ոչնչացրել էր և անիվների հետքերը, որոնք առաջ ցույց էին տալիս ճանապարհը։

― Հիմա ի՞նչ անենք,― հարցրեց ագարակատերը․ նրա ձայնի մեջ շփոթություն էր հնչում։

― Ինչ անե՞նք, քեռի Վուդլի։ Իհարկե, մենք մեր ճանապարհը կշարունակենք։ Գետը պետք է որ հրդեհված տարածության մյուս կողմը լինի։ Եթե մեզ չհաջողվի մի կես մղոն տարածության վրա գետանցը գտնել, ապա կշարժվենք գետի հոսանքն ի վեր, կամ հոսանքն ի վար, նայած հանգամանքներին։

― Բայց լսիր Կասսի, ախր այդպես մենք կարող ենք մոլորվել։

― Չենք մոլորվի։ Ինձ թվում է՝ խանձված տարածությունն այնքան էլ մեծ չէ։ Եվ շատ մեծ ցավ չի լինի, եթե մի քիչ էլ ճանապարհից շեղվենք․ միևնույն է, վաղ թե ուշ մենք դուրս ենք գալու գետի ափը։

― Լա՛վ, սիրելիս, դու ավելի լավ կիմանաս։ Ես հույսս դնում եմ քեզ վրա։

― Մի վախեցեք, քեռի։ Պատահել է, որ ես շատ ավելի վատ պայմաններում եմ եղել․․․ Քշեցե՛ք, խափշիկնե՛ր։ Իմ ետևի՜ց։

Եվ պաշտոնաթող սպան մի ինքնագոհ հայացք է գցում ծածկակառքի կողմը, որի վարագույրի ետևից դուրս է նայում աղջկա չքնաղ դեմքը, որ անհանգստությունից փոքր-ինչ մռայլվել էր։ Կոլհաունը ձին ասպանդակում է և ինքնավստահ առաջ սլանում։

Եվ ահա նորից շրխկացող մտրակների աղմուկին խառնվում են ութսուն ջորիների սմբակների դոփյունը և անիվների ճռճռոցը։ Ֆուրգոնները կրկին ճանապարհ էին ընկել։

Ջորիներն արագ են քայլում։ Գետնի սև մակերեսը, որ անսովոր բան է անասունների աչքի համար, վախեցնում է նրանց, և հազիվ սմբակները մոխրին դրած՝ նորից իսկույն վեր են բարձրացնում։ Ջահել ջորիները խռռացնում են վախից։ Բայց հետո նրանք քիչ-քիչ հանգստանում են և մեծերին նայելով սկսում են առաջ գնալ ավելի համաչափ քայլով։

Այսպես քարավանը մոտ մի մղոն առաջ է գնում։ Ապա նորից կանգ է առնում։ Կանգ առնելու կարգադրություն էր արել նույն այն մարդը, որն իր վրա էր վերցրել առաջնորդելու պարտականությունը։ Նա ձգում է ձիու սանձը, բայց նրա կեցվածքի մեջ արդեն չկա առաջվա ինքնավստահությունը։ Ասես թե նա մտահոգված է և չի իմանում որ կողմը գնա։

Բնապատկերը, եթե միայն կարելի է այդպես անվանել այն, այստեղ փոխվել է, բայց ո՛չ դեպի լավը։ Մինչև հեռու հորիզոն ամեն ինչ առաջվա պես սև է։ Սակայն այստեղ հարթությանը փոխարինել է մի անհարթ տարածություն․ բլուրների շարքերը հաջորդում են հովիտներին։ Չի կարելի ասել, թե այստեղ բոլորովին ծառեր չկան, թեև այն, ինչ մնացել է, հազիվ թե կարելի է ծառ անվանել։ Հրդեհից առաջ այստեղ եղել են ծառեր՝ եղջրածառերը, փշփշուտ թփերը և էլի ակացիաների մի քանի տեսակներ, այստեղ աճել են հատ-հատ կամ խումբ-խումբ։ Նրանց նոսր տերևներն անհետ չքացել են, մնացել են միայն ածխացած բները և սևացած ճյուղերը։

― Դու շեղվե՞լ ես ճանապարհից, սիրելիս,― հարցնում է ագարակատերը՝ շտապ մոտենալով իր քրոջ որդուն։

― Ո՛չ, քեռի, առայժմ ոչ։ Ես կանգ եմ առել, որպեսզի շուրջս նայեմ։ Մենք պետք է գնանք, ահա, այն հովտի միջով։ Թող քարավանը ճանապարհը շարունակի։ Մենք ճիշտ ենք գնում։ Ես երաշխավորում եմ։

Քարավանը նորից է շարժվում։ Բլրի լանջով իջնում է ցած, ապա շարժվում հովտի երկարությամբ, հետո նորից է բարձրանում մի ուրիշ բլրի լանջով և վերևում կրկին կանգ առնում։

― Դու, այնուամենայնիվ, շեղվե՞լ ես ճանապարհից, Կաշ,― նորից քրոջ որդուն մոտենալով իր հարցը կրկնում է ագարակատերը։

― Գրողը տանի։ Վախենում եմ, որ այդպես լինի։ Բայց ինքդ ասա, ի՞նչ սատանա կարող է ճանապարհ գտնել այդ դժոխքում․․․ Ո՛չ, ո՛չ,― հանկարծ գոչում է Կոլհաունը, տեսնելով, որ ծածկակառքը բոլորովին մոտեցավ։― Հիմա ինձ համար ամեն ինչ պարզ է։ Մենք ճիշտ ենք գնում։ Գետը պետք է, ահա, այն կողմը լինի։ Առա՜ջ։

Եվ կապիտանը խթանում է ձիուն, ըստ երևույթին ինքն էլ չիմանալով, թե որ կողմը գնա։ Ֆուրգոնները հետևում են նրան։ Բայց Կոլհաունի շփոթությունը չի վրիպում նեգրերի աչքից։ Նրանք տեսնում են, որ գումակն ուղիղ ճամփով չի գնում, այլ պտույտ է տալիս խանձված թփուտներում ու հովիտներում։

Բայց ահա առաջնորդի քաջալերող բացականչությունը նորից բարձրացնում է ճանապարհորդների տրամադրությունը։ Համաչափ շրխկում են մտրակները, լսվում են ուրախ բացականչություններ։

Ճանապարհորդները նորից դուրս էին եկել տրորված ճանապարհի վրա, որտեղ երևում էին անիվների ու սմբակների բոլորովին թարմ հետքեր։ Ըստ երևույթին իրենց գումակի նման ինչ-որ գումակ հենց նոր անցել էր խանձված պրերիայով։

Երևում էր, որ այդ գումակն էլ իրենց պես շարժվել է դեպի Լեոնա գետը։ Շատ հավանական է, որ դա Ինջ ամրոցը գնացող կառավարական գումակ է եղել։ Ուրեմն պետք է գնալ նրա հետքերով։ Ամրոցը գտնվում է հենց նույն ուղղությամբ, միայն մի քիչ հեռու է իրենց նոր ագարակից։

Դրանից ավելի լավ բան չէր էլ կարելի սպասել։ Կոլհաունի շփոթմունքից հետք էլ չի մնում, նա նորից է ոգեշնչվում և անսքող ինքնագոհության զգացմունքով կարգադրում է առաջ շարժվել։

Մի մղոնի չափ, գուցե և ավելի, քարավանը գնում է գտած հետքերով։ Բայց այդ հետքերն ուղիղ գծով չեն տանում, այլ պտույտ են գործում խանձված թփուտների շուրջը։ Կասսի Կոլհաունի ինքնավստահ տեսքն աստիճանաբար փոխվում է մռայլ վհատության արտահայտության։ Նա հասկացել է, որ քառասունչորս անիվների հետքերը, որով իրենք գնում են, հենց իրենց սեփական ծածկակառքի և տասը ֆուրգոնների հետքերն են, այն նույն ֆուրգոնների, որոնք հիմա հետևում են իրեն և որոնց հետ ինքը ճանապարհ է կտրել սկսած Մատագորդ ծովածոցից։

Գլուխ II․ Լասսոյի[5] հետքը

Ոչ մի կասկած չէր մնում, որ Վուդլի Պոյնդեքստերի ֆուրգոնները գնում էին հենց իրենց անիվների հետքերով։

― Մեր հետքե՜րն են,― փնթփնթաց Կոլհաունը և, այս հայտնությունն անելով, նա սանձը քաշեց ու սկսեց նզովք թափել։

― Մեր հետքե՞րը։ Ի՞նչ ես ուզում ասել, Կասսի։ Մի՞թե մենք առաջ ենք գնում․․․

― ․․․մեր սեփական հետքերով։ Այո, հենց այդ եմ ուզում ասել։ Մենք մի ամբողջ շրջան ենք կատարել։ Նայեցեք, ահա իմ ձիու ետևի սմբակը՝ կոտրված պայտի հետքը։ Ահա և մեր նեգրերի հետքերը։ Հիմա ես այս տեղն էլ եմ ճանաչում։ Սա հենց նույն բլուրն է, որից մենք ցած իջանք վերջին անգամ կանգ առնելուց հետո։ Ա՜յ քեզ ձախորդությո՜ւն, իզուր տեղը մոտ երկու մղոն ճանապարհ ենք կտրել։

Այժմ արդեն Կոլհաունի դեմքը ոչ միայն շփոթություն էր արտահայտում, այլ նաև դառն սրտնեղություն ու ամոթ։ Նա ինքն էր մեղավոր, որ քարավանը մնացել էր առանց իսկական ուղեկցի։ Ուղեկիցը, որին վարձել էին Ինդիանոլայում, նրանց ուղեկցել էր մինչև վերջին կանգառը և, այնտեղ գժտվելով գոռոզամիտ կապիտանի հետ, իր հաշիվը ստացել ու ետ էր վերադարձել։

Այս ամենը, ինչպես և այն չափից ավելի ինքնավստահությունը, որով Կոլհաունը հանձն էր առել առաջնորդել քարավանին, հիմա ագարակատիրոջ քրոջ որդուն տանջալից ամոթ են պատճառում։ Կապիտանի դեմքն էլ ավելի է մռայլվում, երբ ծածկակառքը մոտենում է, և չքնաղ աչքերը նկատում են նրա շփոթմունքը։

Պոյնդեքստերն այլևս հարցեր չի տալիս։ Այժմ արդեն բոլորի համար պարզ է, որ ճանապարհը կորցրել են։ Նույնիսկ բոկոտն հետևակները ճանաչել են իրենց ոտքերի հետքերը և հասկացել, որ այս տեղերով արդեն երկրորդ անգամ են անցնում։

Քարավանը նորից կանգ է առել։ Սպիտակամորթ ձիավորները տաք-տաք խորհրդակցում են։ Դրությունը լուրջ էր։ Այսպես է մտածում նաև ինքը՝ ագարակատերը։ Նա հույսը կտրել է, թե մինչև մութն ընկնելը ճանապարհորդությունը կվերջանա, ինչպես ենթադրում էր առաջ։ Բայց սա դեռ ամենամեծ դժբախտությունը չէ։ Ո՞վ գիտե, ինչ է սպասում իրենց առջևում։ Խանձված պրերիան լի է վտանգներով։ Գուցե և ստիպված լինեն գիշերն անցկացնել այդ խանձված տափաստանում, և այն ժամանակ ջուր էլ չի գտնվի ջորիների համար։ Կամ գուցե և մի քանի գիշեր կմնան, ո՞վ գիտե։

Բայց և այնպես ինչպե՞ս գտնել ճանապարհը։ Արեգակը սկսել է թեքվել դեպի մայրամուտ, բայց դեռ այնքան բարձր է, որ դժվար է որոշել, թե որ կողմն է շարժվում։ Ճիշտ է, որոշ ժամանակից կարելի է որոշել աշխարհի չորս կողմերը։

Բայց դրանից ի՞նչ օգուտ։ Եթե նույնիսկ իմանան, թե որտեղ է հյուսիսը, որտեղ հարավը, արևելքն ու արևմուտքը, դրանից ոչինչ չի փոխվի, նրանք ուղղությունը կորցրել են։ Կոլհաունը սկսեց զգուշանալ։ Նա այլևս իրեն ուղեկից չի համարում։ Այսպիսի խայտառակ անհաջողությունից հետո նա այդքան համարձակություն չունի։

Տասը րոպեի չափ նրանք խորհրդակցում են, բայց ոչ մեկը մի խելքը գլխին բան չի ասում, թե ինչ անեն։ Ոչ ոք չգիտե, թե ինչպես կարելի է դուրս պրծնել այդ սև պրերիայից, որը սև քողով է ծածկել ոչ միայն երկինքն ու արևը, այլև իր սահմաններն ընկած մարդկանց դեմքը։

Բարձր երկնքում սև անգղերի մի երամ երևաց։ Նրանք ավելի ու ավելի են մոտենում։ Նրանցից մի քանիսն իջնում են գետին, մյուսները ճախրում են մոլորված ճամփորդների գլխավերևը։ Գիշակեր թռչունների այդ արարքի մեջ մի ինչ-որ չարագույժ բան կա։

Անցավ էլի հոգեմաշ տասը րոպե։ Եվ հանկարծ՝ ուրախության մի ալիք։ Հեռվում մի ձիավոր լույս ընկավ։ Նա գալիս է ուղիղ դեպի գումակը։

Ի՜նչ անսպասելի ուրախություն։ Ո՞վ կմտածեր, որ այսպիսի տեղ կարելի է մարդու հանդիպել։ Նորից բոլորի աչքում հույս ճառագեց։ Ի դեմս մոտեցող ձիավորի՝ ճանապարհորդներն իրենց փրկչին էին տեսնում։

― Տեսեք, նա մեր կողմն է գալիս, չէ՞,― հարցրեց ագարակատերը՝ չհավատալով իր աչքերին։

― Այո, Հայրիկ, նա ուղիղ մեր կողմն է գալիս,― պատասխանեց Հենրին, գլխարկը գլխից վերցնելով և օդում թափահարելով, որպեսզի ձիավորի ուշադրությունն իրենց վրա գրավի։ Բայց դա ավելորդ էր․ ձիավորն առանց այդ էլ նկատել էր կանգ առած գումակը։ Նա առաջ էր սլանում սրարշավ և շուտով այնքան մոտեցավ, որ կարելի էր արդեն ձայն տալ նրան։

Նա ձիու սանձը քաշեց միայն այն ժամանակ, երբ գումակի կողքից անցնելով մոտեցավ ագարակատիրոջը և նրա ուղեկիցներին։

― Մեքսիկացի է,― շշնջաց Հենրին՝ նայելով անծանոթի հագուստին։

― Ավելի լավ,― նույնպես ցածրաձայն պատասխանեց հայրը։― Ուրեմն նա հաստատ ճանապարհը կիմանա։

― Մեքսիկական ոչինչ չկա սրա մեջ, բացի հագուստից,― մրթմրթաց Կոլհաունը։― Ես հիմա, կիմանամ․․․ Buenos dias, caballerol Esta Vuestra Mexicano[6],― ողջունեց նա անծանոթին իսպաներեն։

― O՜, ո՛չ,― պատասխանեց անծանոթը ժպտալով։― Ես ամենևին էլ մեքսիկացի չեմ։ Կարող եմ ձեզ հետ իսպաներեն խոսել, եթե ցանկանում եք, բայց, ինձ թվում է, դուք ինձ ավելի լավ կհասկանաք, եթե անգլերեն խո-սենք․ դա հավանորեն ձեր մայրենի լեզուն է, չէ՞։

Կոլհաունը մտածեց, թե երևի իր արտահայտության մեջ որևէ սխալ է արել, կամ թե իր առոգանությունը ճիշտ չի եղել, դրա համար էլ պատասխան չտվեց։

― Մենք ամերիկացիներ ենք սըր,― պատասխանեց Պոյնդեքստերը ազգային հպարտությունը խոցված մարդու զգացմունքով։ Ապա, կարծես վախենալով, թե կարող է վիրավորել այն մարդուն, որից օգնություն էր սպասում, ավելացրեց․― Այո, սըր, մենք բոլորս ամերիկացիներ ենք, Հարավային նահանգներից։

― Այդ հեշտ է որոշել ձեր ուղեկիցներին նայելով,― ասաց ձիավորը հազիվ նշմարելի արհամարհական քմծիծաղով նայելով ստրուկ նեգրերի կողմը։― Դժվար չէ նկատել նաև, որ դուք առաջին անգամն եք ճանապարհորդում պրերիայով։ Ճանապարհը կորցրե՞լ եք։

― Այո, սըր, և ոչ մի հույս էլ չունենք, թե կգտնենք, եթե միայն դուք այնքան բարի չլինեք, որ օգնություն ցույց տաք մեզ։

― Արժե՞ խոսել այդպիսի դատարկ բաների մասին։ Պրերիայով անցնելիս բոլորովին պատահաբար ես նկատեցի ձեր հետքերը։ Հասկացա, որ մոլորվել եք, և սլացա այստեղ ձեզ օգնելու։

― Դա մեծահոգություն է ձեր կողմից։ Մենք շատ երախտապարտ ենք ձեզ, սըր։ Իմ անունը Պոյնդեքստեր է, Վուդլի Պոյնդեքստեր, Լուիզիանայից։ Ես մի ագարակ եմ գնել Լեոնա գետի ափին, Ինջ ամրոցի մոտ։ Հույս ունենք մինչև մութն ընկնելը հասնել այնտեղ։ Ի՞նչ եք կարծում, կհասնե՞նք։

― Կհասնեք, եթե միայն հետևեք իմ խորհուրդներին։

Այս ասելով անծանոթը ձին քշեց մի կողմի վրա և սլացավ դեպի բլրի գագաթը։ Թվում էր, թե նա ուսումնասիրում է շրջակայքը, աշխատելով որոշել, թե որ ուղղությամբ պիտի գնան ճանապարհորդները։

Բլրի գագաթին կանգնած ձին ու ձիավորը մի սքանչելի պատկեր էին ներկայացնում, որ արժե նկարագրել։

Սքանչելի՝ ցեղական աշխետ նժույգ։ Ինքը՝ արաբական շեյխն անգամ չէր քաշվի այդպիսի նժույգ նստել։ Լայն կրծքով եղեգի պես բարակ, բարեկազմ ոտքերով, լայն գավակով ու հիանալի թավ ագիով նժույգն ինքնին մի գեղեցիկ պատկեր էր ներկայացնում։ Իսկ նրա մեջքին նստած ձիավորը քսանհինգ տարեկանին մոտ մի երիտասարդ էր՝ սքանչելի կազմվածքով և կանոնավոր դիմագծերով։ Նա հագել էր մեքսիկական ռանչերոյի[7] գեղեցիկ զգեստ՝ թավշե բաճկոն, երկու կողմերում քուղով զարդարված շալվար, բիզոնի կաշվից երկարաճիտ ծանր խթաններով կոշիկներ։ Մետաքսե վառ կարմիր շարֆը գեղատեսորեն գրկել էր նրա իրանը, իսկ գլխի լայնեզր սև գլխարկը զարդարված էր ոսկյա ժապավենով։ Պատկերացրեք այդպիսի մի ձիավոր՝ նստած մավրիտանական ոճով պատրաստված մեքսիկական խոր թամբին, որի զարդարուն թամբատակը նման է այն թամբատակերին, որոնցով իրենց ձիերը ծածկում էին կոնկիստադորները[8]։ Պատկերացրեք ձեզ այսպիսի մի կաբալերո, և ձեր աչքի առաջ կլինի նա, ում նայում էին ագարակատերն ու իր ուղեկիցները։

Իսկ ծածկակառքի վարագույրի հետևից ձիավորին էին նայում ուրիշ աչքեր, որոնք բոլորովին տարբեր զգացմունք էին արտահայտում։ Լուիզա Պոյնդեքստերն իր կյանքում առաջին անգամն էր տեսնում մի մարդ, որը կարծես իր կուսական երազանքի մարմնացումը լիներ։ Անծանոթը շոյված կլիներ, եթե իմանար, թե ինքն ինչ հույզ է արթնացրել դեռատի կրեոլուհու կրծքում։ Բայց ինչպե՞ս կարող էր իմանալ։ Նա նույնիսկ չգիտեր այդ աղջկա գոյությունը։ Նրա հայացքը միայն սահել էր փոշոտ ծածկակառքի վրայով։ Այդպես է նայում մարդ անշուք խեցիին, չկասկածելով անգամ, որ նրա մեջ թանկարժեք մարգարիտ է թաքնված։

― Երդվում եմ պատվովս, ես չեմ կարողանում գտնել մի որևէ նշան, որին նայելով դուք կարողանայիք ինքնուրույն կերպով գնալ ձեր ցանկացած տեղը,― ասաց ձիավորը գումակի տիրոջը դառնալով։― Բայց այդ ճանապարհը ես գիտեմ։ Դուք ստիպված եք լինելու Լեոնան անցնել ամրոցից մի հինգ մղոն դեպի ցած, և քանի որ ես էլ գետն անցնելու եմ նույն ծանծաղուտով, ուրեմն կարող եք շարժվել իմ ձիու հետքերով։ Դե՛, ցտեսություն, պարոններ։ Այսպես անակնկալ հրաժեշտ տալով՝ անծանոթն ասպանդակեց իր նժույգը և քառատրոփ առաջ սլացավ։

Այս անսպասելի մեկնումը ագարակատիրոջն ու նրա ուղեկիցներին շատ անվայել բան թվաց։ Բայց նրանք դեռ մի խոսք էլ չէին փոխանակել, երբ տեսանք, որ անծանոթը վերադառնում է։ Մի տասը վայրկյան չանցած՝ ձիավորը նորից նրանց կողքին էր։ Բոլորը զարմացել էին, թե ինչը նրան ստիպեց վերադառնալ։

― Ես վախենում եմ, որ իմ ձիու հետքերը քիչ օգնեն ձեզ։ Հրդեհից հետո այստեղ արդեն մուստանգներ են եղել և հազարավոր սմբակների հետքեր են թողել։ Ճիշտ է, իմ ձին պայտած է, բայց չէ՞ որ դուք սովոր չեք հետքերը տարբերել, և ձեզ համար դժվար կլինի որոշել իմ ձիու հետքը, մանավանդ, որ չոր մոխրի վրա բոլոր ձիերի հետքերը համարյա միանման են լինում։

― Ուրեմն ի՞նչ անենք,― հարցրեց ագարակատերը հուսահատության շեշտով։

― Շատ եմ ափսոսում, միստր Պոյնդեքստեր, բայց ես չեմ կարող ուղեկցել ձեզ։ Պետք է շտապ մի կարևոր թուղթ տանեմ ամրոց։ Եթե դուք իմ հետքը կորցնեք, այնպես գնացեք, որ արեգակը միշտ ձեր աջ կողմը լինի, այնպես որ ձեր ստվերները դեպի ձախ ընկնեն, մոտ տասնհինգ աստիճանի անկյուն կազմելով ձեր շարժման գծի հետ։ Մի հինգ մղոն կգնաք ուղիղ դեպի առաջ։ Այնտեղից կտեսնեք մի նոճու գագաթ։ Դուք նրան կճանաչեք իր կարմիր գույնով։ Կգնաք ուղիղ դեպի այդ ծառը։ Նոճին հենց գետի ափին է, գետանցից ոչ հեռու։

Երիտասարդ ձիավորն արդեն պատրաստ էր նորից ճանապարհ ընկնելու, բայց ինչ-որ բան նրան ստիպեց ետ պահել իր ձին։ Նա տեսավ ծածկակառքի վարագույրի հետևից նայող մութ, շողշողուն աչքերը։ Նա առաջին անգամ տեսավ այդ աչքերը։

Աչքերի տերն ստվերի մեջ էր, բայց և այնպես երևում էր, որ այդ աչքերը լուսավորում են արտակարգ գեղեցիկ մի աղջկա դեմք։ Բացի այդ, ձիավորը նկատեց, որ չքնաղ աչքերն իրեն են հառած, և նրանց արտահայտության մեջ զգացվում է հուզմունք, համարյա քնքշանք։

Ակամայից ձիավորն ինքն էլ հիացմունքի հայացքով պատասխանեց, բայց վախենալով, թե այդ հանդգնություն կհամարեն, շտապ շուռ տվեց իր ձին և նորից դարձավ ագարակատիրոջը, որը ջերմագին շնորհակալություն էր հայտնում անծանոթին։

― Ես արժանի չեմ շնորհակալության,― ասաց երիտասարդը,― որովհետև ստիպված եմ ձեզ թողնել բախտի քմահաճույքին, քանի որ, դժբախտաբար, ազատ ժամանակ չունեմ։

Նա նայեց ժամացույցին, ասես ափսոսալով, որ ստիպված է մենակ գնալ։

― Դուք շատ բարի եք, սըր,― ասաց Պոյնդեքստերը։― Հուսով եմ, որ ձեր խորհուրդներին հետևելով՝ մենք ճանապարհից չենք շեղվի։ Արևը մեզ կօգնի։

― Վախենում եմ, որ եղանակը փոխվի։ Հյուսիսում ամպեր են կուտակվում։ Մի ժամ հետո նրանք կարող են արեգակի երեսը ծածկել․․․ Համենայնդեպս, այդ ավելի շուտ կլինի, քան դուք կհասնեք այնտեղ, որտեղից երևում է նոճին․․․ Ես չեմ կարող ձեզ այսպես թողնել․․․ Ասենք, սպասեք,― ասաց նա մի րոպե խորհելուց հետո,― ես մի հնար գտա, հետևեցեք իմ լասսոյի հետքին։

Անծանոթը թամբի աղեղից արձակեց մի պարան, որի մի ծայրը գցեց գետնին՝ մյուս ծայրը թողնելով թամբի աղեղին կապված։ Ապա, մի գեղեցիկ շարժումով գլխարկը վերցնելով, քաղաքավարի գլուխ տվեց, համարյա թե ծածկակառքի կողմը, ձին ասպանդակեց և նորից սլացավ պրերիայով։

Լասսոն մի տասներկու յարդ ձիու հետևից ձգվելով՝ պրերիայի մոխրացած երեսին թողնում էր մի գիծ, որ նման էր սողացող օձի հետքի։

― Զարմանալի տարօրինակ երիտասարդ էր,― ասաց ագարակատերը՝ նայելով ձիավորի ետևից, որն արագ անհետացավ սև փոշու ամպի մեջ։― Հարկավոր էր անունը հարցնել։

― Ես կասեի՝ զարմանալի ամբարտավանի մեկն է,― մրթմրթաց Կոլհաունը, որից չէր վրիպել անծանոթի հայացքը ծածկակառքին, ինչպես և աղջկա պատասխան հայացքը։― Ինչ վերաբերում է նրա անվանը, ապա երևի հարցնելու կարիք էլ չկար։ Միևնույն է, նա մի հնարովի անուն կտար։ Տեխասը լիքն է այդպիսի պճնամոլներով, որոնք այստեղ ընկնելով իրենց համար նոր, ավելի բարեհնչուն անուն են հնարում, կամ թե անունները փոխում են որևէ այլ պատճառով։

― Լսի՛ր, Կասսի,― առարկեց երիտասարդ Պոյնդեքստերը,― դու իրավացի չես։ Իմ կարծիքով նա կրթված մարդ է, ջենտլմեն, որը լիովին արժա-նի է ամենապատվավոր անուն կրելու։

― «Ջենտլմե՜ն»։ Գրողը տանի, հազիվ թե։ Ես դեռ երբեք չեմ տեսել մի ջենտլմեն, որը մեքսիկական լաթեր հագներ։ Գրազ եմ գալիս, որ սա էլ պարզապես սրիկայի մեկն է։

Այս խոսակցության ժամանակ չքնաղ կրեոլուհին գլուխը դուրս էր հանել ծածկակառքից և անսքող հետաքրքրությամբ լի հայացքով ճանապարհում էր հեռացող ձիավորին։

Եվ հենց դրանով չպիտի՞ բացատրել Կոլհաունի խոսքի խոցող տոնը։

― Ի՞նչ կա, Լու,― ծածկակառքին մոտենալով հարցրեց նա համարյա շշուկով։― Դու, երևում է, շա՞տ ես շտապում։ Գուցե ուզում ես այն անամոթի ետևից հասնե՞լ։ Դեռ ուշ չէ, ես իմ ձին քեզ կտամ։

Դեռատի աղջիկը ետ նայեց՝ խոցված այդ խոսքերից ու այն շեշտից, որով ասվեցին նրանք։ Բայց նա ցույց չտվեց, որ բարկացել է, և վիճել չսկսեց․ իր դժգոհությունը նա արտահայտեց շատ ավելի վիրավորական ձևով։ Զրնգուն ծիծաղը եղավ միակ պատասխանը, որին նա արժանացրեց Կոլհաունին։

― Ախ, այդպե՜ս․․․ Նայելով քեզ՝ ես մտածեցի, որ այստեղ ինչ-որ բան կա։ Ինձ թվաց, որ քեզ դյութել է այդ շողշողուն փոստատարը։ Նա, երևի, իր շքեղ հագուստո՞վ գերեց քեզ։ Բայց իմացիր, որ նա միայն ագռավ է սիրամարգի փետուրներով, և ես, երևի, դեռ առիթ կունենամ պոկռտելու այդ փետուրները, գուցե և նրա մաշկի հետ միասին։

― Ինչպե՞ս չես ամաչում, Կասսի՛։ Մտածիր, թե ինչեր ես ասում։

― Այդ դու պետք է ամաչես, Լու։ Քո ուշադրությանն ես արժանացնում խեղկատակի հագուստով ինչ-որ սրիկայի։ Ես չեմ կասկածում, որ նա եղած-չեղած մի փոստատար է, որին վարձել են ամրոցի սպաները։

― Կարծում ես, որ փոստատա՞ր է։ Օ՜, որքան կուզենայի սիրային նամակներ ստանալ այդպիսի փոստատարի ձեռքից։

― Այդ դեպքում շտապիր և ասա նրան այդ։ Իմ ձին քո տրամադրության տակ է։

― Հա՛, հա՛-հա՛։ Ինչպե՞ս գլխի չես ընկնում դու։ Եթե նույնիսկ ես կատակի համար ուզենայի հասնել պրերիայի այդ փոստատարի հետևից, ապա, միևնույն է, քո այդ քոսոտ ձիով ինձ հազիվ թե հաջողվեր այդ։ Նա իր աշխետով այնպես արագ է սլանում, որ ավելի շուտ կանհետանա, քան դու թամբը կփոխես ինձ համար։ O՜, ո՛չ։ Ես նրա հետևից հասնել չեմ կարող, որքան էլ ուզենայի այդ։

― Տես, որ հայրդ չլսի քեզ։

― Տես, որ քեզ չլսի նա,― պատասխանեց աղջիկը՝ այժմ արդեն խոսելով լուրջ տոնով։― Թեպետև դու իմ հորաքրոջ տղան ես, և հայրս քեզ կատարելության գագաթ է համարում, Բայց ես ուրիշ կարծիքի եմ։ Ես այդ քեզնից երբեք չեմ թաքցրել, ճիշտ չէ՞։

Կոլհաունը միայն մռայլվեց իր համար դառն այդ խոստովանությունից։

― Դու իմ հորաքրոջ տղան ես, ուրիշ ոչինչ,― շարունակեց աղջիկը այնպիսի մի տոնով, որ խիստ տարբերվում էր այն կատակի տոնից, որով սկսել էր խոսակցությունը։― Ինձ համար դու ուրիշ ոչ մի բան չես, կապիտան Կասսի Կոլհաուն։ Եվ, խնդրեմ, մի՛ փորձիր իմ խորհրդատուն լինել։ Ես իմ պարտքն եմ համարում խորհրդակցել միմիայն մի մարդու հետ և լսել նրա կշտամբանքը։ Ուստի և, մաստեր[9] Կաշ, խնդրում եմ ձեռք քաշել այդպիսի բարոյախոսություններից։ Ես ոչ ոքի չեմ ուզում հաշիվ տալ իմ մտքերի ու արարքների մասին, քանի դեռ չեմ հանդիպել մի մարդու, որն արժանի կլինի դրան։ Բայց դու իմ ընտրյալը լինել չես կարող։

Իր այս նախատինքը վերջացնելով աղջիկը նորից ետ ընկավ ծածկակառքի բարձի վրա, կապիտանին չափելով այնպիսի մի հայացքով, որը լի էր ցասումով ու արհամարհանքով։ Հետո կառքի վարագույրը քաշեց, հասկացնելով, որ այլևս նրա հետ խոսել չի ուզում։

Ֆուրգոնները քշողների աղաղակը կապիտանին դուրս բերեց շշմած վիճակից։ Ֆուրգոնները նորից ճանապարհ ընկան մռայլ պրերիայով, որը հազիվ թե ավելի մռայլ լիներ, քան Կասսի Կոլհաունի մտքերը։

Գլուխ III․ Ուղեցույց սլաքը

Ճանապարհորդներն այլևս չէին անհանգստանում։ Լասսոյի հետքը գալարվում էր օձի նման և այնքան պարզ էր երևում, որ նույնիսկ երեխան չէր մոլորվի ճանապարհից։

Հետքը ուղիղ գծով չէր ձգվում, այլ գալարվում էր թփուտների միջով։ Երբեմն, երբ ճանապարհը ծառազուրկ տեղերով էր անցնում, հետքը հեռանում էր մի կողմի վրա։ Եվ այդ պատահաբար չէր արվում։ Այդպիսի տեղերում լինում էին խոր-խոր ձորեր և այլ արգելքներ։ Լասսոյի հետքը շրջանցում էր դրանք՝ ճանապարհ ցույց տալով ֆուրգոններին։

― Որքան ուշադիր է այդ երիտասարդը,― ասաց Պոյնդեքստերը։― Իսկապես ես շատ եմ ցավում, որ անունը չիմացանք։ Եթե նա ամրոցումն է ծառայում, մենք էլի կհանդիպենք նրան։

― Անտարակույս,― գոչեց Հենրին։― Եվ ես շատ ուրախ կլինեմ։

Լուիզան նստած էր ետ ընկած նստիքի բարձին։ Նա լսեց հոր ու եղբոր խոսակցությունը, բայց ոչինչ չասաց, միայն նրա հայացքից կարելի էր հասկանալ, որ ամբողջ սրտով համակարծիք էր եղբոր հետ։

Ագարակատերը շատ ուրախ էր, որ դժվարին ճանապարհորդությունը շուտով վերջանալու է, և ինքը հնարավորություն է ունենալու մինչև արևի մայր մտնելը տեսնել իր նոր տիրապետությունները։ Նրա տրամադրությունը բարձր էր։ Այդ գոռոզ արիստոկրատը հանկարծ իր ողորմած ուշադրությանն արժանացրեց բոլոր շրջապատողներին․ նա անբռնազբոսիկ զրուցում էր իր վերակացուի հետ, կանգ էր առնում կատակելու քեռի Սցիպիոնի հետ, որը հազիվ քարշ էր տալիս բշտիկներով ծածկված իր ոտքերը, մոտեցավ սիրտ տալու մորաքույր Քլոյին, որը գնում էր երեխան գրկին։

«Սքանչելի՜ է,― կարող էր գոչել կողմնակի դիտողը մոլորության մեջ ընկնելով այս արտասովոր տեսարանից, որ այնքան խնամքով նկարագրում են իր իսկ՝ սատանայի կողմից կաշառված գրչակները։― Վերջիվերջո որքա՜ն լավն են ստրկատերերի նահապետական բարքերը։ Եվ այդ այն ամենից հետո, ինչ մենք ասել ու արել ենք ստրկությունը վերացնելու համար։ Այդ հնամենի շենքը, ասպետական ազգի այդ արժանավոր անկյունաքարը խորտակելու փորձը սոսկ ֆիլանտրոպիական խենթություն է, ավելորդ նրբազգացություն։ Օ՜, դուք, ստրկությունը ոչնչացնելու ձգտող ֆանատիկոսներ։ Ինչո՞ւ եք դուք ծառանում ստրկության դեմ։ Մի՞թե չգիտեք, որ ոմանք պետք է տառապեն, պետք է աշխատեն ու քաղցած մնան, որպեսզի ուրիշները շքեղություն վայելեն և պարապ-սարապ մնան։ Մի՞թե չգիտեք, որ ոմանք պետք է ստրուկներ լինեն, որպեսզի ուրիշներն ազատ լինեն»։

Միլիոններին տառապանք բերող այս ճառերը վերջին ժամանակներս շատ հաճախ են լսվում։ Վա՜յ այն մարդուն, որ արտասանում է այս ճառերը, և այն ազգին, որ լսում է դրանք։

*  *  *



Ագարակատիրոջ հետ այսպիսի լավ տրամադրության մեջ էին նրա բոլոր ուղեկիցները, բացի Կոլհաունից։ Այդ տրամադրությունն արտացոլվում էր ստրուկների դեմքերին, որոնք Պոյնդեքստերին համարում էին իրենց երջանկության ու դժբախտության աղբյուր, համարյա Աստծու չափ ամենազոր։

Նրանք Պոյնդեքստերին ավելի քիչ էին սիրում, քան Աստծուն, բայց նրանից ավելի էին վախենում, թեև մյուս ստրկատերերի համեմատությամբ նրան չէր կարելի վատ տեր համարել։ Նա իր ստրուկներին խոշտանգելուց մի առանձին բավականություն չէր ստանում և գոհ էր լինում, երբ տեսնում էր, որ նրանք կուշտ են ու հագնված, որ նրանց մաշկը փայլում է ճարպից։ Չէ՞ որ այդ նշաններով էին դատում հենց իր՝ նրանց տիրոջ բարեկեցության մասին։ Երբեմն նա ստրուկներին դաս էր տալիս մտրակով, հավատացնելով, որ դա բարերար ազդեցություն է ունենում նրանց վրա։ Սակայն նրա ստրուկների մաշկի վրա ծանր խոշտանգումի ոչ մի սպի չկար, իսկ այդ կողմից Միսսիսիպի նահանգի ստրկատերերից շատ քչերը կարող էին պարծենալ։

Արժե՞, ուրեմն, զարմանալ, որ այդպիսի «օրինակելի» տիրոջ ընկերակցությամբ բոլորը լավ տրամադրության մեջ էին, և նույնիսկ ստրուկներն ընդհանուրի ուրախությունով վարակվելով՝ սկսեցին ուրախ շատախոսել։

Սակայն այս բարեհոգի տրամադրությունը երկար չտևեց։ Այն ընդհատվեց ո՛չ միանգամից և ո՛չ նրանց մեղքով, դրա պատճառը մարդկանցից կախում չունեցող հանգամանքներն էին։

Ինչպես գուշակել էր անծանոթը, արեգակն ավելի շուտ ծածկվեց, քան երևաց նոճին։

Բայց դա պետք է անհանգստություն պատճառեր․ լասսոյի հետքը առաջվա պես լավ երևում էր, և արևով ճամփան գտնելու անհրաժեշտություն չէր զգացվում։ Այնուամենայնիվ, արեգակի երեսը ծածկող ամպերը ճնշող ազդեցություն ունեցան ճանապարհորդների տրամադրության վրա։

― Կարելի է կարծել, թե արդեն արեգակը մայր է մտնում,― ասաց ագարակատերը՝ իր ոսկե ժամացույցը հանելով,― այնինչ, այժմ ընդամենը ժամը երեքն է։ Մեր բախտն է, որ այն երիտասարդն օգնեց մեզ։ Եթե նա չլիներ, մենք մինչև մայրամուտ պիտի թափառեինք այս խանձված տափաստանում։ Գուցե և ստիպված լինեինք այս մոխրի վրա գիշերել․․․

― Այ թե սև կլիներ մեր անկողինը,― կատակով վրա բերեց Հենրին, որպեսզի խոսակցությանն ավելի ուրախ բնույթ տա։― Օ՜, ինչ սարսափելի երազներ կտեսնեի ես, եթե ստիպված լինեի այսպիսի սև գետնի վրա քնել։

― Ես նույնպես,― ավելացրեց քույրը՝ դուրս նայելով ծածկակառքի վարագույրի հետևից և շրջապատը դիտելով։― Ես հավատացած եմ, որ երազումս Պլուտոնին[10] էլ, Պրոզերպինային[11] էլ կտեսնեի դժոխքում։

― Հի՛-հի՛-հի՛,― ծիծաղեց նստարանին նստած խափշիկ կառապանը, որն ագարակի մատյաններում Պոյնդեքստերի Պլուտոն անունն էր կրում։― Միսս Լուին երազում ինձ կտեսնի այս սև պրերիայում։ Ա՛յ թե ծիծաղելի երազ կլինի՜։ Հի՛-հի՛-հի՛։

― Շատ շուտ եք սկսել ծիծաղել,― հնչեց կապիտանի մռայլ ձայնը, որ մոտեցել էր այդ խոսակցության ժամանակ։― Գուցե և իրոք ստիպված լինեք գիշերել այս սև պրերիայում։ Դեռ լավ է, եթե որևէ ավելի վատ բան չպատահի։

― Ի՞նչ ես ուզում ասել դրանով, Կաշ,― հարցրեց ագարակատերը։

― Ուզում եմ ասել, քեռի, որ այն տղան մեզ խաբել է։ Ես դա դեռ վերջնականապես պնդել չեմ կարող, բայց դրությունը շատ վատ է։ Մենք արդեն հինգ մղոնից ավելի ենք անցել․․․ Երևի մոտ վեց մղոն, բայց ո՞ւր է նոճին, որի մասին խոսում էր նա։ Ես լավ տեսողություն ունեմ, բայց որքան էլ հեռուներն եմ դիտում, ոչ մի ծառ չեմ նշմարում։

― Բայց ինչո՞ւ պիտի նա խաբեր մեզ։

― Ախ, «ինչո՜ւ»։ Հենց բանն էլ այն է, որ նա երևի շատ պատճառներ է ունեցել դրա համար։

― Ասա մեզ այդ պատճառներից գոնե մեկը,― արծաթահնչուն մի ձայն լսվեց ծածկակառքից,― մենք հետաքրքրությամբ կլսենք քեզ։

― Պարզ բան է․ ամեն ինչ, որ վերաբերում է այդ անձին, դու մեծ հե-տաքրքրությամբ կլսես,― քմծիծաղով պատասխանեց Կոլհաունը։― Իսկ եթե ես իմ ենթադրությունն ասեմ, դու քեզ հատուկ ներողամտությամբ կեղծ տագնապ կանվանես այն։

― Դա կախված կլինի նրանից, թե ինչ կասես դու, մաստեր Կասսի։ Ինձ թվում է, որ դու պետք է փորձես մեզ։ Դե հո մենք չենք կարող մտածել, որ դու, լինելով զինվորական ու այդքան փորձված ճանապարհորդ, կսկսես կեղծ տագնապ առաջացնել։

Կոլհաունը հասկացավ կծու ծաղրը և երևի ձեռք կքաշեր հետագա բացատրություններից, եթե Պոյնդեքստերը չպնդեր այդ։

― Լսիր, Կասսի,― լրջորեն հարցրեց ագարակատերը,― բացատրիր՝ բանն ի՞նչ է։ Այն, ինչ դու ասացիր, լուրջ կասկած է հարուցում։ Ի՞նչ նպատակ կարող էր հետապնդել այն երիտասարդը՝ սխալ ուղղություն տալով մեզ։

― Դե ի՞նչ ասեմ, քեռի,― խոսեց Կոլհաունը, և նրա ձայնում արդեն առաջվա ինքնավստահությունը չկար,― ես հո չեմ պնդում, թե իրոք այդ-պես է, այլ միայն իմ ենթադրությունն եմ հայանում։

― Այսինքն, ի՞նչ ենթադրություն։

― Է՛հ, քի՞չ բան կարող է պատահել։ Այս տափաստաններում քիչ չի պատահում, որ հարձակվում են քարավանների վրա, նույնիսկ մերինից ավելի ուժեղ քարավանի վրա և կողոպտում են ու սպանում։

― Աստվա՜ծ փրկի,― շինծու տագնապով գոչեց Լուիզան։

― Հնդկացինե՞րը,― հարցրեց Պոյնդեքստերը։

― Պատահում է, որ հնդկացիներն էլ են հարձակվում, բայց հաճախ սպիտակներն են հնդկացի ձևանում և այն էլ ո՛չ միայն մեքսիկացիները։ Դրա համար հարկավոր է միայն մի քիչ դարչնագույն ներկ, ձիու պոչից շինված կեղծամ, գլխարկին կպցնելու համար մի քանի փետուր և որքան կարելի է շատ լկտիություն։ Եթե մեզ «սպիտակ հնդկացիների» հրոսակախումբը կողոպտի, իսկ այդ հաճախ է պատահում, ապա մենք պետք է միայն ինքներս մեզ մեղադրենք․ մենք պատժված կլինենք նրա համար, որ այդպես միամտաբար վստահել ենք բոլորովին անծանոթ մի մարդու։

― Տե՜ր իմ Աստված, Կասսի։ Ախր դա լուրջ մեղադրանք է։ Մի՞թե դու ուզում ես ասել, թե այն թղթատարը,― եթե միայն նա իրոք թղթատար է,― մեզ որոգայթի մեջ է քաշում։

― Ո՛չ, քեռի, ես այդ չեմ ասում, ասում եմ միայն, որ այդպիսի բաներ լինում են։ Հնարավոր է, որ նա էլ ընդունակ լինի դրան․․․

― Հնարավոր է, բայց քիչ հավանական,― ծածկակառքից հնչեց մի ձայն, որ լի էր խայթող ծաղրով։

― Ո՛չ,― գոչեց պատանի Հենրին, որը թեև մի քիչ առաջ էր անցել, բայց լսել էր այս ամբողջ խոսակցությունը,― քո կասկածները հիմք չունեն, Կասսի։ Դա ուղղակի զրպարտություն է։ Եվ ես կարող եմ ապացուցել այդ։ Նայիր այստեղ։

Պատանին կանգնեցրեց իր ձին և ցույց տվեց մի ինչ-որ բան, իր պարզ երևում էր լասսոյի հետքից քիչ հեռու։ Դա մի բարձր կակտուս էր, որի կանաչ, հյութալի բունը փրկվել էր կրակից։ Բայց Հենրի Պոյնդեքստերն իր ուղեկիցների ուշադրությունը հրավիրում էր ոչ թե այդ բույսի վրա, այլ նրա փշերից մեկին հագցրած փոքրիկ, սպիտակ թղթի վրա։ Նա, ով ծանոթ է քաղաքակիրթ հասարակության սովորույթներին, իսկույն կիմանար, որ դա այցետոմս է։

― Տեսնենք ինչ է գրված այստեղ,― ասաց պատանին մոտ քշելով ձին և բարձր ձայնով կարդաց․― «Նոճին երևում»։

― Ո՞ւր է,― հարցրեց Պոյնդեքստերը։

― Այստեղ նկարված է մի ձեռք,― պատասխանեց Հենրին։― Տարա-կույս չկա, որ մեկնած մատը նոճին է ցույց տալիս։

Բոլորը սկսեցին նայել թղթում ցույց տրված կողմը։

Եթե արեգակը լուսավորելիս լիներ, նոճին կերևար առաջին իսկ հայացքից։ Բայց կապույտ երկինքը կապարի գորշ գույն էր ստացել, և որքան էլ ճանապարհորդները լարում էին իրենց տեսողությունը, հորիզոնում չէր երևում ոչ մի բան, որը ծառի կատար հիշեցներ։

― Այնտեղ ոչինչ չկա,― վստահ տոնով ասաց Կոլհաունը։― Ես համոզված եմ, որ սա միայն այն թափառաշրջիկի մի նոր խորամանկությունն է։

― Դու սխալվում ես,― միջամտեց այն ձայնը, որն այդպես հաճախ էր հակաճառում Կասսիին։― Հեռադիտակով նայիր։ Եթե քո հիանալի տեսողությունը քեզ չի դավաճանել, ապա հորիզոնում կտեսնես մի բան, որ շատ նման է ծառի։ Երևի հենց այդ է նոճին։ Չէ՞ որ ես Լուիզիանայի ճահճուտներում երբեք նոճի չեմ տեսել։

Կոլհաունը չուզեց հեռադիտակը վերցնել աղջկա ձեռքից։ Նա գիտեր, որ Լուիզան ճիշտ է ասում, և նրան մի ավելորդ ապացույց էլ պետք չէր։

Այն ժամանակ Պոյնդեքստերը հեռադիտակը վերցրեց, հարմարեցրեց իր կարճատես աչքերին և պարզ տեսավ պրերիայի վրա բարձրացող նոճին։

― Ճշմարիտ է,― ասաց նա,― նոճին երևում է։ Պարզ է, որ երիտասարդն ազնիվ մարդ է, և դու, Կաշ, իզուր ես զրպարտում նրան։ Ես չէի էլ հավա-տում, թե նա կարող է մեզ հետ այդպիսի չար խաղ խաղալ․․․ Դե՛հ, միստր Սանսոմ, հրաման տվեք գումակին, հարկավոր է առաջ շարժվել։

Կոլհաունը չարությամբ խթանեց ձիուն և սլացավ պրերիայով․ նա այլևս սիրտ չուներ խոսելու․ ոչ էլ մնալու իր ուղեկիցների հետ։

― Հապա մի տուր ինձ տեսնեմ այդ այցետոմսը, Հենրի,― կամացուկ ասաց Լուիզան։― Ես ուզում եմ տեսնել այն սլաքը, որ օգնեց մեզ։ Թուղթը վերցնենք մեզ մոտ․ քանի որ ուղղությունն արդեն գիտենք, կակտուսի վրա թողնելը միտք չունի։

Հենրին կատարեց քրոջ խնդիրքը, չմտածելով անգամ նրա գաղտնի մտքերի մասին։ Նա թուղթը կակտուսից պոկեց և նետեց Լուիզայի ծնկներին։

― Մորիս Ջերալդ,― շշնջաց կրեոլուհին թղթի հակառակ երեսին տեսնելով անունը։― Մորիս Ջերա՜լդ,― կրկնեց նա հուզված՝ թուղթը պահելով ծոցում։― Ով էլ որ լինես, որտեղից էլ եկած լինես, ուր էլ գնաս և ինչ էլ որ դառնաս, այսօրվանից մեր բախտն ընդհանուր է։ Ես այդ զգում եմ, ես այդ գիտեմ այնպես պարզ, ինչպես երկինքն եմ տեսնում իմ գլխավերևը։ O՜, ի՜նչ ահավոր երկինք է։ Չլինի՞ իմ անհայտ բախտն էլ այսպիսին է լինելու։

Գլուխ IV․ Սև հողմը

Լուիզան նստել էր կախարդվածի պես և անձնատուր եղել իր անուրջներին։ Նա իր նուրբ մատներով սեղմել էր քունքերը, և թվում էր, թե նրա հոգու բոլոր ուժերը լարվել են, որպեսզի հասկանա անցյալը և թափանցի ապագայի խորքը։

Բայց շուտով նրա անուրջներն ընդհատվեցին։ Նրա ականջին հասան աղաղակներ, որոնց մեջ տագնապ էր զգացվում։

Լուիզան ճանաչեց եղբոր անհանգիստ ձայնը․

― Նայիր, հայրիկ, նայիր։ Մի՞թե չես տեսնում։

― Որտե՞ղ, Հենրի, որտե՞ղ։

― Այնտեղ, ֆուրգոնների հետևը․․․ Հիմա տեսնո՞ւմ ես։

― Այո, ինչ-որ բաներ տեսնում եմ, միայն չեմ հասկանում, թե ինչ բան են։ Կարծես նման են․․․― Պոյնդեքստերը մի րոպե վարանմունքի մեջ կանգ առավ։― Ճշմարիտ՝ չեմ հասկանում, թե ինչ բան են դրանք․․․

― Ջրային պտուտահողմեր են,― վրա բերեց Կոլհաունը, որն այդ տարօրինակ երևույթը տեսնելով միացել էր ծածկակառքի մոտ հավաքված խմբին։― Բայց դա լինել չի կարող, մենք ծովից շատ հեռու ենք։ Ես երբեք չեմ լսել, որ տափաստանում ջրասյուներ երևան։

― Ինչ էլ լինեն, նրանք շարժվում են,― ասաց Հենրին։― Նայեցեք, մոտենում են իրար ու նորից հեռանում։ Եթե այդ շարժումը չլիներ, կարելի էր կարծել, թե դրանք սև մարմարից շինված հսկա սյուներ են։

― Հսկաներ են կամ սատանաներ,― ծիծաղելով ասաց Կոլհաունը։― Հեքիաթային հրեշներ են, որոնց խելքին փչել է զբոսնել այս ահասարսուռ պրերիայում։

Պաշտոնաթող կապիտանը դժվարությամբ էր ստիպում իրեն կատակ անել։ Բոլորի նման նրան էլ ճնշում էր ծանր նախազգացումը։

Եվ այդ զարմանալի չէ։

Հյուսիսի կողմից պրերիայի վրա անակնկալ բարձրացել էր պտուտահողմի մի քանի բոլորովին սև սյուն։ Դրանք մոտ տասն էին։ Ճանապարհորդներից ոչ մեկը դեռ երբեք այդպիսի բան չէր տեսել։ Այդ վիթխարի սյուները մերթ կանգ էին առնում անշարժ, մերթ սահում էին խանձված գետնի վրայով ինչպես սահուկավոր հսկաներ, երբեմն էլ թեքվում ու կռանում էին իրար վրա, ասես ֆանտաստիկ շարժումներով ինչ-որ պար էին պարում։ Երևակայեցեք առասպելական հսկաներ, որոնք կենդանացել են Տեխասի տափաստանում և մի կատաղի պար բռնել։ Զարմանալի չէ, որ առաջին անգամ այդպիսի բան տեսնող մարդիկ խիստ տագնապի մեջ էին ընկել։ Նրանցից ամեն մեկը հասկանում էր, որ ինչ-որ տարերային աղետ է մոտենում։ Այդ առեղծվածային ֆիգուրների երևալուն պես գումակը կանգ էր առել։ Հետիոտն նեգրերը, ինչպես և կառապանները գոռում էին սարսափից։ Ձիերը խրխնջում էին վախից դողալով, ջորիները՝ ղռռում։

Սև աշտարակների կողմից գալիս էր ինչ-որ խուլ դժժոց, նման ջրվեժի աղմուկի, որին երբեմն միանում էր մի ձայն, որ ասես հրացանային համազարկ լիներ կամ հեռավոր որոտի թնդյուն։ Աղմուկը գնալով ուժեղանում, ավելի ու ավելի պարզ էր լսվում։ Անհասկանալի վտանգը մոտենում էր։

Ճանապարհորդները սոսկումից քար էին կտրել, և Կոլհաունն էլ նրանց հետ։ Նա արդեն այլևս չէր փորձում կատակ անել։ Բոլորը նայում էին ցած կախված ամպերին ու սև սյուներին, որոնք կարծես մոտենում էին, որպեսզի տրորեն նրանց։

Այդ ծանր րոպեին դիմացի կողմից լսվեց մի ճիչ, և թեպետ դրա մեջ տագնապ էր զգացվում, բայց և այնպես սիրտ տվեց սարսափից քարացած մարդկանց։ Ճանապարհորդները շուռ գալով տեսան մի ձիավոր, որն ամբողջ թափով իրենց կողմն էր սլանում։

Ձին սև էր մրի պես, սև էր նաև ձիավորը և նրա դեմքը։ Բայց, չնայած դրան, նրան ճանաչեցին․ դա հենց նույն անծանոթն էր, որի հետքով իրենք գնում էին։

Ծածկակառքում նստած դեռատի աղջիկը առաջինը ճանաչեց նրան։

― Առա՜ջ,― գոչեց անծանոթը հենց որ մոտեցավ քարավանին։― Առա՜ջ, առա՜ջ։ Որքան կարելի է՝ արագ․․․

― Այս ի՞նչ բան է,― շփոթված հարցրեց սարսափահար ագարակա-տերը։― Մեզ վտա՞նգ է սպառնում։

― Այո, ես այս բանը չէի սպասում, երբ հեռացա ձեզնից։ Միայն գետը հասնելուց հետո տեսա ահավոր նշանները․․․

― Բայց ի՞նչ նշաններ, սըր։

― Նորդի[12]։

― Դուք փոթորի՞կն եք այդպես անվանում։

― Այո՛։

― Ես երբեք չեմ լսել, թե նորդը կարող է վտանգավոր լինել,― խոսեց Կոլհաունը։― Գուցե թե միայն ծովի վրա, նավերի համար վտանգավոր կլինի։ Ես, իհարկե, գիտեմ, որ նա իր հետ ծակող ցուրտ է բերում, բայց․․․

― Միայն ցուրտ չէ, սըր․․․ Նա ուրիշ ավելի վատ բան կբերի, եթե դուք չշտապեք թաքնվել նրանից․․․ Միստր Պոյնդեքստեր,― անհամբեր ու հա-մառ դարձավ նա ագարակատիրոջը,― դուք և ձեր բոլոր մարդիկ վտանգի մեջ եք։ Նորդը միշտ չի սոսկալի լինում, բայց սա․․․ Նայեցեք այն կողմը։ Տեսնո՞ւմ եք այն սև սյուները։

― Մենք նայում ենք և չենք կարողանում հասկանալ, թե ինչ բաներ են դրանք․․․

― Դրանք փոթորկի կարապետներն են․ և ինքնին վտանգավոր չեն։ Բայց նայեցեք այն կողմը․․․ Տեսնո՞ւմ եք այն սև ամպը, որ պատել է երկինքը․․․ Ա՛յ թե ինչից պետք է վախենաք դուք։ Ես չեմ ուզում վախեցնել ձեզ, բայց պետք է ասեմ, որ այդ ամպը մահ է բերում։ Նա այս կողմն է շարժ-վում։ Փրկությունը միայն արագությունից է կախված։ Շտապեցեք, թե չէ ուշ կլինի։ Մի տասը րոպեում նրանք կհասնեն ձեզ, և այն ժամանակ․․․ Շո՛ւտ արեք, սը՛ր, աղաչում եմ։ Հրամայեցեք ձեր ծառաներին՝ որքան կարելի է արագ քշել։ Երկինքն ինքն ստիպում է ձեզ շտապել։

Այս համառ պահանջներին ենթարկվելով՝ ագարակատերն իսկույն հրաման տվեց քարավանը քշել ամենայն արագությամբ։

Անասուններին ու մարդկանց համակած սարսափը մտրակների միջամտությունն ավելորդ էր դարձնում։

Ծածկակառքը և ձիավորներն առաջվա պես գնում էին առջևից։ Անծանոթը վերջում մնալով՝ ասես քարավանն էր պաշտպանում։

Մերթ ընդ մերթ նա կանգնեցնում էր իր ձին, ետ էր նայում և ամեն անգամ ավելի ու ավելի մեծ տագնապ էր արտահայտում։

Ագարակատերն այդ նկատելով մոտեցավ նրան և հարցրեց․

― Վտանգը դեռ չի՞ անցել։

― Դժբախտաբար մխիթարական բան ասել չեմ կարող։ Ես հույս ունեի, թե քամին իր ուղղությունը կփոխի։

― Քամի՞ն։ Ես ոչ մի քամի չեմ նկատում։

― Այստեղ։ Բայց, ահա, այնտեղ զարհուրելի մրրիկ է, որ մոտենում է մեզ․․․ Աստվա՜ծ իմ, նա մոտենում է աներևակայելի արագությամբ։ Կասկածում եմ, թե մենք կհասցնենք կտրել-անցնել այս խանձված պրերիան։

― Ի՞նչ անենք ուրեմն,― սոսկումով գոչեց ագարակատերը։

― Չի՞ կարելի արդյոք ձեր ջորիներին ստիպել, որ ավելի արագ վազեն։

― Ո՛չ, առանց այն էլ նրանք ուժասպառ են լինում։

― Այդ դեպքում վախենում եմ, որ մրրիկը կհասնի մեզ․․․

Այս մռայլ ենթադրությունն անելուց հետո ձիավորը մի անգամ էլ շուռ եկավ և նայեց առաջ շարժվող սև սյուներին, ասես հաշվելով նրանց արագությունը։ Նրա դեմքի արտահայտությունը բացահայտ տագնապ էր ցույց տալիս։

― Այո, արդեն ուշ է,― գոչեց նա ընդհատելով իր դիտումները։― Նրանք մեզանից արագ են շարժվում, շատ ավելի արագ․․․ Նրանցից խույս տալու հույս չկա։

― Տե՜ր իմ Աստված։ Սըր, մի՞թե վտանգն այդքան մեծ է։ Մի՞թե ոչինչ չենք կարող անել նրանից խույս տալու համար,― հարցրեց ագարակատերը։

Անծանոթը միանգամից չպատասխանեց։ Մի քանի վայրկյան լուռ մնաց, ասես լարված ինչ-որ բան էր մտածում։

Նա այլևս երկնքին չէր նայում, նրա հայացքը շրջում էր ֆուրգոնների վրա։

― Մի՞թե ոչ մի հույս չկա,― նորից հարցրեց ագարակատերը։

― Ո՛չ, կա՛,― ուրախ պատասխանեց ձիավորը․ կարծես ինչ-որ լուսավոր միտք էր ծագել նրա գլխում։― Հույս կա։ Ես այդ առաջ չէի մտածել։ Փոթորկից խուսափել չենք կարող, բայց վտանգից փրկվել կարող ենք։ Արագ, միստր Պոյնդեքստեր։ Կարգադրեցեք ձեր մարդկանց՝ ձիերի ու ջորիների գլուխները փաթաթել, հակառակ դեպքում անասունները կկուրանան ու կկատաղեն։ Վերմակներ, գլխաշորեր՝ ամեն ինչով կարելի է։ Երբ այդ ամենը կարվի, թող մարդիկ ֆուրգոնները մտնեն։ Միայն հարկավոր է, որ վարագույրները բոլոր կողմերից պինդ ծածկված լինեն։ Մնացածի մասին ես ինքս կհոգամ։

Այս ցուցումները տալով՝ ձիավորն ուղղվեց դեպի ծածկակառքը, մինչդեռ Պոյնդեքստերը և վերակացուն համապատասխան կարգադրություններ էին անում կառապաններին։

― Օրիորդ,― քաղաքավարությամբ ասաց ձիավորը ծածկակառքին մոտենալով,― դուք պետք է իջեցնեք բոլոր վարագույրները, ձեր կառապանը պետք է կառքի մեջ մտնի։ Դուք նույնպես, պարոննե՛ր,― ասաց նա, դառնալով Հենրիին ու Կոլհաունին և հենց նոր մոտեցած Պոյնդեքստերին։ Բոլորիդ տեղ կլինի։ Միայն թե շուտ, աղաչում եմ ձեզ։ Ժամանակ մի՛ կորոնեք։ Մի քանի րոպեից հետո փոթորիկը կճայթի մեր գլխին։

― Իսկ դո՞ւք, սըր,― անկեղծ հոգացողությամբ հարցրեց ագարակատերը այն մարդուն, որն այնքան բան էր անում իրենց վերահաս աղետից փրկելու համար։― Դուք ի՞նչ պիտի անեք։

― Իմ մասին մի՛ անհանգստացեք․ ես գիտեմ, թե ինչ է գալիս։ Առաջին անգամը չեմ տեսնում․․․ թաքնվեցեք, թաքնվեցեք, աղաչում եմ ձեզ։ Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։ Լսո՞ւմ եք ոռնոցը։ Շուտ արեք, քանի դեռ փոշու ամպը վրա չի տվել։

Ագարակատերն ու իր որդին արագ ցած թռան ձիերից և մտան կառքի մեջ։

Կոլհաունը համառորեն շարունակում էր թամբին նստած մնալ։ Ինչո՞ւ նա պետք է վախենար ինչ-որ երևակայական վտանգից, որից չի թաքնվում մեքսիկական հագուստով այդ մարդը։ Անծանոթը վերակացուին կարգադրեց մտնել մոտակա ֆուրգոնը։ Վերակացուն անտրտունջ ենթարկվեց։

Այժմ կարելի էր մտածել նաև իր մասին։

Անծանոթն արագ շարժումով փռեց իր սերապեն, որ կապված էր թամբին, և, ձիու գլխին գցելով ծայրերը, կապեց վզի շուրջը։ Նույնպիսի ճարպկությամբ նա իր շարֆն արձակեց և գցեց իր գլխարկի վրա, մի ծայրը խրելով ժապավենի տակ՝ մյուսը ցած կախելով։ Այսպիսով նա իր դեմքի համար երեսակալի նման մի բան շինեց։

Նախքան երեսը լրիվ ծածկելը, նա նորից դարձավ դեպի ծածկակառքը և զարմանալով տեսավ, որ Կոլհաունը դեռ նստած է ձիու վրա։ Հաղթահարելով իր ակամա հակակրանքն այդ մարդու նկատմամբ նա մի անգամ ևս համառորեն կրկնեց․

― Դե թաքնվեցե՛ք, սը՛ր, աղաչում եմ։ Հակառակ դեպքում տասն րոպեից հետո դուք այլևս կենդանի չեք լինի։

Այս անգամ Կոլհաունը հնազանդվեց, վերահաս փոթորկի նշանները շատ ակներև էին։ Ձևացնելով, թե չի շտապում, նա դանդաղորեն թամբից իջավ և մտավ կառքի մեջ, պինդ ձգված վարագույրների պաշտպանության տակ։

Թե ինչ կատարվեց հետո՝ դժվար է նկարագրել։ Ոչ ոք չտեսավ մոլեգնած տարերքի տեսարանը, որովհետև ոչ մեկը չէր համարձակվում դուրս նայել։ Բայց եթե որևէ մեկը սիրտ էլ աներ, միևնույն է, ոչինչ չէր տեսնի։

Ջորիների գլուխները փաթաթելուց հինգ րոպե հետո քարավանն արդեն անթափանց խավարի մեջ էր։

Ճանապարհորդները տեսել էին միայն փոթորկի սկիզբը։ Վրա հասնող պտուտահողմերից մեկը մի ֆուրգոնի զարկվելով ասես փշուր-փշուր եղավ և օդը լցրեց սև փոշիով, ասես երկնքից վառոդի անձրև էր տեղում։ Բայց դա միայն սկիզբն էր։ Հետո, ասես դոմնայի հնոցից տաք օդ փչեց։ Դրանից հետո սուլոցով ու ոռնոցով փչեց մի ուժեղ քամի, սառցային ցրտություն բերելով իր հետ։ Նրա ոռնոցն այնպես խլացուցիչ էր, որ թվում էր, թե Էոլի[13] բոլոր փողերը Բուր Արքայի հանդես գալն են ազդարարում։

Մի վայրկյան անց նորդը հասավ քարավանին, և մերձարևադարձային հարթավայրում կանգ առած ճանապարհորդներն ընկան այնպիսի մի սառնամանիքի մեջ, որը սառցասարեր է գոյացնում Սառուցյալ օվկիանոսում։

Ամեն ինչ թաղվել էր խավարի մեջ․ ոչ մի բան չէր լսվում, բացի քամու սուլոցից և նրա խուլ ոռնոցից, երբ զարնվում էր ֆուրգոնների ծածկերին։

Ջորիները, որոնք բնազդորեն ետևները դարձրել էին մրրկի կողմը, կանգնել էին բոլորովին սսկված։ Ծածկակառքում և ֆուրգոնների մեջ խոսող մարդկանց ձայները խլանում էին մրրկի ոռնոցի մեջ։

Բոլոր ճեղքերը փակված էին, որովհետև բավական էր, որ դուրս նայեին վարագույրի ետևից, անմիջապես կխեղդվեին։ Օդն ամբողջովին հագեցած էր մոխրով, որ մոլեգին քամին բարձրացրել էր խանձված պրերիայից և մահաբեր փոշի դարձրել։

Մեկ ժամից ավելի օդում սև մոխրի ամպեր էին կանգնած։ Այդ ամբողջ ժամանակ ճանապարհորդները նստել էին ներսում և չէին համարձակվում նույնիսկ դուրս նայել։

Վերջապես ծածկակառքի վարագույրների մոտ հնչեց անծանոթի ձայնը․

― Հիմա կարող եք դուրս գալ,― ասաց նա՝ իր մետաքսյա շարֆը ետ գցելով երեսից։― Փոթորիկը չի դադարել, էլի կշարունակվի մի երեք օր, մինչև ձեր ճանապարհորդության վերջը, բայց այլևս վախենալու բան չկա։ Քամին ամբողջ մոխիրը քշել տարել է, և դուք հազիվ թե Ռիո-Գրանդեի այս կողմում հասնեք նրան։

― Սը՛ր,― խոսեց ագարակատերը՝ ցած իջնելով ծածկակառքի աստիճաններով,― մենք ձեզ ենք պարտական․․․

― ․․․մեր կյանքը,― վրա բերեց Հենրին՝ շարունակելով հոր խոսքը։― Հույս ունեմ, սըր, որ դուք պատիվ կանեք մեզ ասելու ձեր անունը։

― Մորիս Ջերալդ,― պատասխանեց անծանոթը։― Թեև ամրոցում ինձ սովորաբար կոչում են Մորիս մուստանգեր[14]։

― Մուստանգե՜ր,― արհամարհանքով մրթմրթաց Կոլհաունը, բայց այնպես ցածր, որ նրան լսել կարող էր միայն Լուիզան։

«Եղած-չեղածը՝ մուստանգեր»,― հիասթափված մտածեց արիստոկրատ Պոյնդեքստերը։

― Այժմ այլևս ես ձեզ հարկավոր չեմ։ Դուք առանց ինձ և առանց իմ լասսոյի էլ ճանապարհը կգտնեք,― ասաց վայրի ձիերի որսորդը։― Նոճին երևում է, գնացեք ուղիղ այն կողմը։ Երբ անցնեք, դուք կտեսնեք ամրոցի վրա ծածանվող դրոշակը։ Դեռ մութը չընկած դուք ձեր ճամփորդությունը կվերջացնեք։ Իսկ ես շտապում եմ և ստիպված եմ հրաժեշտ տալ ձեզ։

Եթե մենք կարողանանք երևակայել սատանային դժոխքի ձի հեծած, ապա բավական պարզ կպատկերացնենք Մորիս մուստանգերին, երբ նա երկրորդ անգամ հեռանում էր ագարակատիրոջից և նրա ուղեկիցներից։

Սակայն ո՛չ սև մոխրով ծածկված դեմքի տարօրինակ տեսքը, ո՛չ խոստովանությունը համեստ զբաղմունքի մասին՝ չէին կարող Լուիզա Պոյնդեքստերի աչքում նսեմացնել մուստանգերի հմայքը, նա արդեն նվաճել էր աղջկա սիրտը։

Երբ Լուիզան լսեց նրա անունը, այցետոմսը կրծքին սեղմեց և մտախոհ շշնջաց այնքան ցածր, որ բացի իրենից ուրիշ ոչ ոք լսել չէր կարող․

― Մորիս մուտանգեր, դու նվաճեցիր կրեոլուհու սիրտը։ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ։ Նա շատ նման է Լյուցիֆերին[15], կարո՞ղ եմ ես արհամարհել նրան։

Գլուխ V․ Մուստանգների որսորդի կացարանը

Այնտեղ, ուր Ռիո դը Նուեսեսը[16] իր ջրերն է հավաքում հարյուրավոր վտակներից ու առվակներից, որոնք քարտեզի վրա մի մեծ ծառի ճյուղերի են նման, զարմանալի գեղատեսիլ վայրեր են փռված։ Դա բլրաշատ պրերիան է, որտեղ ցրված են կաղնի և ընկույզի անտառներ, որոնք մերթ այստեղ, մերթ այնտեղ միանալով կազմում են խոշոր կանաչ զանգվածներ։

Տեղ-տեղ այդ անտառին հաջորդում են խիտ թփուտներ, որտեղ ակացիաների հետ միասին աճում են կակտուսներ, վայրի ալոե, կոպայան բալասան, փայտանման արմավաշուշան և մոմանման սպիտակ ծաղիկներով բուրումնավետ գարդենիա։

Այս փշփշոտ բույսերը հողագործին չեն ուրախացնում, որովհետև սովորաբար դրանք աճում են աղքատիկ հողի վրա, բայց բուսաբանի և վայրի բնությունը սիրողի համար այստեղ հրապուրիչ շատ բան կա, մանավանդ, երբ ցերեուսը բացում է իր մոմանման վիթխարի ծաղիկները, կամ սլացիկ ֆուկիերան թփուտից վեր բարձրանալով՝ փռված դրոշակի նման վեր է նետում իր ալ կարմիր ծաղիկը։

Բայց այնտեղ կան նաև արգավանդ վայրեր, որտեղ կրաքարային սևահողի վրա աճում են սաղարթախիտ բարձր ծառեր՝ հնդկական օճառածառեր, ընկուզենիներ, ուռենիներ, տեսակ-տեսակ կաղնիներ, տեղ-տեղ հանդիպում են նոճիներ ու կաղամախիներ։ Այդ անտառը կանաչի բոլոր երանգներն ունի, և իրավացիորեն այն կարելի է չքնաղ անվանել։

Բայց քաղաքակիրթ մարդը դեռ չի հաստատվել այդ հեռավոր վայրերում, և առաջվա պես միայն կոմանչներ[17] են թափառում անտառի խճճված շավիղներով, այն էլ միայն այն ժամանակ, երբ ձի հեծած նրանք գնում են հարձակվելու Ստորին Նուեսեսի կամ Լեոնայի բնակչության վրա։ Զարմանալի չէ, որ վայրի կենդանիներն այս վայրերն են իրենց ապաստան ընտրել։

Ամբողջ Տեխասում ոչ մի տեղ դուք չեք հանդիպի այնքան շատ եղջերուների ու վախկոտ քարայծերի, որքան այստեղ։ Ճագարներն ամեն րոպե աչքիդ առաջ են, մի քիչ ավելի պակաս են հանդիպում վայրի խոզերը, ժանտաքիսները, գետնասկյուռները։

Խայտաբղետ սքանչելի թռչուններն աշխուժություն են տալիս բնությանը։ Լորերը թևերը խշշացնելով դեպի վեր են սլանում, արքայացինը ճախրում է երկնքում, հսկայական վայրի հնդկահավն ընկուզենու անտառի եզրին իր փայլուն կուրծքն է տաքացնում արևի տակ, իսկ փետրատերև ակացիաների մեջ երևում է դրախտահավի կամ, ինչպես տեղացիք են կոչում, դերձակ-թռչնի մկրատանման պոչը։

Չքնաղագեղ թիթեռները մերթ թևերը լայն փռած ճախրում են օդում, մերթ հանգստանում ծաղկի վրա՝ նրան միաձուլվելով և նմանվելով նրա պսակաթերթերին։ Թավշանման վիթխարի մեղուները բզզում են ծաղկած թփերի մեջ, նեկտարին տիրելու իրենց իրավունքը պաշտպանելով կոլիբրիներից[18], որոնց համարյա չեն զիջում իրենց մեծությամբ։

Բայց այդ չքնաղ բնության ո՛չ բոլոր բնակիչներն են անվնաս։ Ամբողջ Հյուսիսային Ամերիկայում ոչ մի տեղ բոժոժավոր օձն այնպիսի մեծության չի հասնում, ինչպես այստեղ։ Նա խիտ խոտերի մեջ թաքնվում է «մոկասին» կոչվող ավելի ևս վտանգավոր օձի հետ։ Մորմերը, կարիճները ամեն քայլափոխի մահ են սպառնում մարդուն, իսկ հազարոտնուկը, բավական է, որ սողա մարդու մաշկի վրայով, առաջացնում է դող, որը կարող է ճակատագրական վախճան ունենալ։

Գետերի անտառապատ ափերին թափառում են բծավոր օցելոտ[19], պումա[20] նրանց հզոր ցեղակից հովազը։ Այստեղով է անցնում նրանց տարածման հյուսիսային սահմանը։

Թավ անտառների եզրերին թաքնվում է տեխասյան նիհար գայլը միայնակ ու լուռ, իսկ նրա ազգակից վախկոտ շնագայլերն ամբողջ ոհմակներով թափառում են բաց հարթավայրում։

Այդ նույն պրերիայում, որտեղ այդպիսի կատաղի գազաններ են թափառում, խոտավետ արոտներում արածում է բորը կենդանիների մեջ ամենաազնիվն ու սքանչելին, մարդու բարեկամ չորքոտանիներից ամենաիմաստունը ձին։ Այստեղ նա ապրում է վայրի վիճակում, ազատ ու անաղարտ, մարդու քմահաճույքներին անտեղյակ։ Նա չգիտե՝ ինչ բան է սանձը, և թամբը չի աղճատել նրա մեջքը։

Բայց նույնիսկ այս կուսական վայրերում նրան հանգիստ չեն թողնում։ Մարդը բռնում է նրան և հնազանդեցնում իրեն։ Այստեղ էր բռնվել ու հնազանդեցվել մի սքանչելի վայրի նժույգ բծավոր մուստանգը։ Նա ընկել էր ձիերի հայտնի որսորդ երիտասարդ Մորիս մուստանգերի ձեռքը։

*  *  *



Ռիո դը Նուեսեսի վտակներից մեկի՝ բյուրեղաջուր Ալամո գետի ափին կանգնած էր մի համեստ, բայց գեղատես խրճիթ, մեկը նրանցից, որպիսիք շատ կան Տեխասում։

Այդ խրճիթը կառուցված էր փայտանման արմավաշուշանի երկու տապակ արված բներից, որոնք ցից դիրքով խրված էին գետնի մեջ։ Նրա կտուրը ծածկված էր նույն հսկա բույսի սվինանման տերևներով։

Տեխասում ընդունված սովորության հակառակ՝ ուղղահայաց ցցված սյուների արանքներին կավացեխ չէր քսված, այլ ներսի կողմից պատերին ձիու մորթիներ էին քաշված, որոնք ամրացված էին ոչ թե երկաթե մեխերով, այլ մեքսիկական դարահալվեի փշերով։

Գետի դարափուլ ափերին առատորեն աճել էին այն բույսերը, որոնցից կառուցված էր խրճիթը։ Այստեղ կային արմավաշուշանի, դարահալվեի և այլ անպտուղ բույսերի վայրի թփուտներ, բայց ցածում արգավանդ հովիտը ծածկված էր հիանալի անտառով, որտեղ աճում էին թթենիներ, ընկուզենիներ և կաղնիներ։ Անտառային շերտը եզերված էր գետահովիտով, և ծառերի կատարները հազիվ էին հասնում դարափուլի վերին պռունկին։

Անտառի թավուտներում, գետի ափին մոտիկ կային հյութալի արոտով ծածկված մարգագետիններ կամ սավաննաներ, որոնք ծածկված էին «դրամա» անունը կրող խոտով։

Ահա այդ հովիտներից մեկի խորքում կանաչով շրջապատված՝ կանգնած էր մեր նկարագրած պարզ կացարանը․ ծառերի բները սյուներ էին հիշեցնում, որոնք պահում էին անտառային թատրոնի տանիքը։

Ծառերի ստվերները ծածկում էին խրճիթը։ Թվում էր, որ այդ տեղը պատահաբար չէր ընտրված։ Նրան կարելի է տեսնել միայն գետի կողմից, այն էլ միայն այն դեպքում, եթե կանգնեիր ուղիղ դիմացը։ Շենքի պրիմիտիվ պարզությունը և խունացած գույներն ավելի էին աննկատելի դարձնում այն։

Տնակը մի կարգին վրանից մեծ չէր։ Դուռը նրա միակ անցքն էր, եթե չհաշվենք պատերից մեկի տակ կառուցված բուխարու ծխնելույզը։ Դռան կառուցվածքն էլ յուրահատուկ էր ու պարզ․ մի փայտե շրջանակ՝ վրան ձիու մորթի քաշած և կախված նույնպիսի մորթուց պատրաստված ծխնիներից։

Խրճիթի ետևը կար մի ծածկ, որի համար որպես հենարան էին ծառայում վեց սյուներ, ու ծածկված էր արմավաշուշանի տերևներով ու շրջապատված մի ցանկապատով, որի հորիզոնադիր ձողերը կապված էին հարևան ծառերի բներից։

Նույնպիսի ցանկապատով շրջապատված էր մոտ մեկ ակր մեծությամբ մի հողամաս, որ գտնվում էր խրճիթի ու դարափուլի միջև։ Գետինն այստեղ փորփրված էր բազմաթիվ սմբակներով և տեղ-տեղ էլ բոլորովին տրորված։ Դժվար չէր հասկանալ, որ դա արգելափակոց էր վայրի ձիերի՝ մուստանգների համար։

Իսկապես, այդ ցանկապատի ներսում կար մոտ տասը ձի, գուցե և ավելի։ Նրանց վախեցած աչքերը և ընդոստ շարժումները կասկած չէին թողնում, որ դրանք նոր են բռնվել և հեշտությամբ չեն տանում գերությունը։

Խրճիթի ներքին սարք ու կարգը զուրկ չէր որոշ հարմարավետությունից։ Պատերը զարդարում էր մուստանգների մորթիներից կարված մի գորգ։ Սև, աշխետ և ձյունի պես ճերմակ մորթիներն աչք էին շոյում։ Երևում էր, որ դրանք ճաշակ ունեցող մարդ է ընտրել։

Կահ-կարասին շատ հասարակ էր․ մահճակալը երկու իշոտնուկ, որոնց երեսին ձիու մորթի էր քաշված, կային երկու ինքնաշեն աթոռակ, որոնք նույն ձևով էին շինված, ինչպես մահճակալը, բայց փոքր չափսի, կար և մի հասարակ սեղան, որ շինված էր արմավաշուշանի երեսաթափից․ ահա ամբողջ կահույքը։ Անկյունում երևում էր երկրորդ անկողնի նման մի բան՝ պատրաստված նույնպիսի ձիու մորթիներից։

Այդ համեստ խրճիթում մի տեսակ անսպասելի ու զարմանալի բան էին գրքերով ծանրաբեռնված դարակը, գրիչն ու թանաքը, նամակի թուղթը և սեղանին ընկած լրագրերը։

Այստեղ կային էլի մի քանի իրեր, որոնք ոչ միայն հիշեցնում էին քաղաքակրթության մասին, այլև ցույց էին տալիս տիրոջ նուրբ ճաշակը։ Դրանք էին մի հիանալի կաշվե սնդուկ, երկփողանի մի հրացան, քանդակազարդ արծաթե մի գավաթ, որսորդական եղջերափող և մի արծաթե սուլիչ։

Հատակին դրված էին մի քանի խոհանոցային իրեր, մեծ մասամբ շինված թիթեղից։ Անկյունում դրված էր ուռենու մատղաշ ճյուղերի հյnւսքի մեջ զետեղված մի մեծ շիշ, որը, ըստ երևույթին, Ալամոյի ջրից ավելի թունդ խմիչք էր պարունակում։

Մնացած իրերն այստեղ շատ ավելի սազական էին․ բարձր աղեղով մեքսիկական թամբ, ձիու մազից հյուսած սանձ, նույնպիսի երասանակ, երկու-երեք սերապե, մի քանի փաթեթ պարան։

Ահա այսպիսին էր մուստանգերի կացարանը, այսպիսին էր նրա ներքին կառուցվածքը և այն ամենը, ինչ կար նրա մեջ, բացառությամբ նրա երկու բնակիչների։

Սենյակի մեջտեղը, աթոռակներից մեկի վրա նստած էր մի մարդ, որը ոչ մի կերպ չէր կարող մուստանգերը լինել։ Նա ամենևին նման չէր տանտիրոջ։ Ընդհակառակն, նրա ամբողջ արտաքինից, հնազանդության արտահայտությունից կարելի էր առանց սխալվելու ասել, որ դա ծառան է։

Սակայն նա ամենևին վատ չէր հագնված և քաղցած ու ընդհանրապես զրկված մարդու տպավորություն չէր թողնում։ Դա մի հաստլիկ մարդ էր՝ շեկ ու խռիվ մազերով և վառ կարմիր դեմքով։ Նա հագին ուներ կոշտ կտորից կարված կոստյում, կեսը պլիսից, կեսը՝ վելվետից։ Պլիսից կարված էին նրա վարտիքն ու զանկապանները, իսկ վելվետից, որը մի ժամանակ մուգ կանաչ էր եղել, բայց վաղուց արդեն խունացել ու դարչնագույն դարձել, կարված էր նրա որսորդական բաճկոնը, որի կրծքին մեծ-մեծ գրպաններ կային։ Եզրերը դեպի ցած կախած ֆետրե լայնեզր գլխարկը լրացնում էր նրա հագուստը, եթե չհիշատակենք կոշտ կտավից կարված վերնաշապիկը, պարանոցին անփութորեն կապված կարմիր թաշկինակը և իռլանդական մաշիկները։

Միայն իռլանդական մաշիկները և պլիսե հագուստը չէին, որ ցույց էին տալիս նրա ազգությունը։ Նրա շրթունքները, քիթը, աչքերը, ամբողջ արտաքինն ու շարժուձևերը ցույց էին տալիս, որ այդ մարդը իռլանդացի է։

Եթե նույնիսկ որևէ կասկած լիներ, ապա ամեն կասկած իսկույն չքանում էր, հենց որ այդ հաստլիկը բերանը բաց էր անում խոսելու համար, որ և նա անում էր մերթ ընդ մերթ։ Այսպիսի առոգանությամբ խոսում են միայն Իռլանդիայում, Հալվեյ կոմսությունում։ Կարելի էր կարծել, թե իռլանդացին խոսում է ինքն իր հետ, որովհետև խրճիթում բացի նրանից ուրիշ ոչ ոք չկար։ Բայց, ո՛չ, այդպես չէ։ Մարմանդ վառվող օջախի առաջ փռած էր մի ձիու մորթի, որի վրա ձգված և քիթը համարյա մոխրի մեջ խրած՝ պառկած էր մի խոշոր շուն։ Թվում էր, թե այդ շունը հասկանում է իր զրուցակցի լեզուն։ Համենայնդեպս մարդը նրա հետ խոսում էր այն-պես, որ կարծես շունը հասկանում էր իր ամեն մի խոսքը։

― Հը՛, Թարա՛, իմ թանկագին,― գոչեց պլիսե բաճկոնավոր մարդը,― կուզեի՞ր հիմա վերադառնալ Բալլիբալ։ Երևի կուզենայիր վազվզել ամրոցի բակի մաքուր սալերի վրա։ Եվ լավ էլ կկերակրվեիր այնտեղ։ Թե չէ, տես, կաշիդ ու ոսկորդ է մնացել, հիմա քո բոլոր կողերը կարելի է հաշվել։ Է՛հ, բարեկամս, ես ինքս էլ կուզեի այնտեղ գնալ։ Բայց ով գիտե, մեր երիտասարդ տերը երբ կվերադառնա ու մեզ կտանի իր հետ։ Լա՛վ, ոչինչ, Թարա։ Նա շուտով գնալու է ավան, իմ խելոք շուն։ Նա խոստացել է ինձ ու քեզ էլ տանել, ուրեմն, գոնե սրանով մխիթարվենք։ Գրողը տանի, արդեն երեք ամսից ավելի է, ինչ ես ամրոցում չեմ եղել։ Գուցե թե այնտեղ վերջերս եկած իռլանդացի զինվորների մեջ ես իմ որևէ հին ծանոթին կհանդիպեմ։ Օ՜, այն ժամանակ արդեն առանց կոնծելու գործը գլուխ չի գա։ Ճիշտ չե՞մ ասում, Թարա՛։

Իր անունը լսելով՝ շունը գլուխը բարձրացրեց և բարձր փնչացրեց, ասես ուզում էր ասել «հա»։

― Ասենք՝ հիմա էլ վատ չէր լինի կոկորդս թրջել,― շարունակեց իռլանդացին, մի ագահ հայացք գցելով շշի կողմը։― Միայն թե շիշը համարյա դատարկ է, և մեր երիտասարդ տերը կարող է գլխի ընկնել։ Մեկ էլ, ախր ազնիվ բան չէ առանց հարցնելու խմելը։ Ճիշտ չե՞մ ասում, Թարա։

Շունը նորից դունչը բարձրացրեց մոխրից և նորից փնչացրեց։

― Դե դու քիչ առաջ էլ ասացիր «հա»։ Հիմա էլ նո՞ւյնն ես ասում, Թարա, հը՞։

Շունը նորից նույն փնչոցն արձակեց, որի պատճառը կարող էր լինել նրա մի քիչ մրսածությունը և կամ քթի մեջ մոխիր ընկնելը։

― Էլի՞ «հա» ես ասում։ Այդպես էլ կա։ Այս անբան անասունն ինձ ասում է՝ խմիր։ Դե՛, մի՛ հրապուրիր ինձ, քարթու գող։ Չէ՛, չէ՛, ոչ մի կաթիլ չեմ խմի։ Ես միայն շշի խցանը կհանեմ ու մի քիչ հոտ կքաշեմ։ Երևի տերս չի իմանա, իսկ եթե իմանա էլ, չի բարկանա։ Միայն հոտ քաշելն ի՞նչ է որ։

Այս ասելով իռլանդացին վեր կացավ և ուղղվեց դեպի այն անկյունը, որտեղ շիշն էր դրված։ Չնայած իր այս վստահեցումներին, նա մի տեսակ գողի պես էր շարժվում․ իր ազնվությա՞նն էր կասկածում արդյոք, թե՞ մտածում էր, որ չի կարող դիմանալ խմիչքի հրապույրին։

Նա մի պահ կանգ առավ, ականջ դնելով դռան կողմը, հետո գայթակղեցնող ամանը վերցրեց, խցանը հանեց, շշի վիզը մոտեցրեց քթին և սկ-սեց հիացմունքով վայելել սպիրտի հոտը։

Մի քանի րոպե նա մնաց այդ դիրքում։ Լռության մեջ մերթընդմերթ միայն լսվում էր շան փնչոցի նման ձայն, որ իռլանդացին բացատրում էր որպես դրական պատասխան իր կասկածներին։ Այդ ձայնը բավականություն էր արտահայտում բուրումնավետ թունդ խմիչքից։

Բայց իռլանդացուն այս բանը քիչ ժամանակ բավականություն պատճառեց։ Շուտով շշի հատակը սկսեց վեր բարձրանալ, իսկ բերանը նույնպիսի արագությամբ իջավ ուղիղ դեպի իռլանդացու շրթունքները։

― Է՛հ, գրողը տանի,― գոչեց նա, մի անգամ էլ աչքի տակով դռանը նայելով։― Ո՞վ կարող է դիմանալ այս սքանչելի վիսկիի հոտին։ Ինչ ուզում է թող լինի։ Ես միայն մի կաթիլ, միայն լեզվիս ծերը կթրջեմ։

Եվ շշի բերանը դիպավ նրա շրթունքին։ Բայց, երևում է, բանը մի կաթիլով ու լեզվի ծայրը թրջելով չվերջացավ, լսվեց նվազող հեղուկի կլկլոցը, որը ցույց էր տալիս, որ իռլանդացին որոշել է ինչպես հարկն է թրջել ամբողջ կոկորդը և դեռ մի քիչ էլ ավելի։

Մի քանի անգամ բավականությամբ կում անելուց հետո հալվեյացին խցանը խցկեց շշի բերանը, հետո շիշը իր տեղը դրեց և նորից նստեց աթոռին։

― Ա՜խ դո՛ւ, Թարա, պառավ խորամանկ։ Այդ դու գայթակղեցիր ինձ։ Դե լավ, ոչինչ, մեր տերը չի իմանա։ Բացի դրանից, նա շուտով գնալու է ամրոց և այնտեղ կարող է նոր պաշար վերցնել։

Մի քանի րոպե իռլանդացին նստած էր լուռ։ Արդյոք իր ցանցառության մասի՞ն էր մտածում, թե՞ պարզապես ալկոհոլի ներգործությունն էր վայելում, ի՞նչ իմանաս։

Շուտով նորից սկսեց խոսել․

― Եվ ինչո՞ւ է ավանն այդպես քաշում մեր մաստեր Մորիսին։ Ասում էր, որ այնտեղ կգնա, հենց որ խատուտիկ մուստանգը բռնի։ Բայց ինչո՞ւ է հանկարծ այդպես հարկավոր եղել նրան այդ ձին։ Կարծում եմ, որ սա հասարակ բան չի։ Արդեն երեք անգամ փորձել է բռնել, բայց չի կարողացել պարանը գցել այն վայրի անասունի վիզը։ Այնինչ ինքը իր աշխետի վրա էր, իսկ նա ի՜նչ ձի է։ Նա ասում է, որ կտոր-կտոր էլ լինի՝ պիտի բռնի նրան, Աստված վկա։ Երանի շուտ բռնի, թե չէ՝ մեկ էլ տեսար ես ու դու մնացինք այստեղ մինչև ահեղ դատաստանի օրը․․․ Այս բացականչությունը իռլանդացու բերանից դուրս թռավ նրա համար, որ Թարան տեղից վեր թռավ և հաչոցով նետվեց դեպի դուռը։

― Ֆելի՜մ,― մի ձայն հնչեց դրսից։― Ֆելի՜մ։

― Ահա և մեր տերը,― մրմնջաց Ֆելիմը՝ տեղից վեր թռչելով և շան ետևից վազելով դեպի դուռը։

Գլուխ VI․ Խատուտիկ մուստանգը

Ֆելիմը չէր սխալվել․ դա նրա տիրոջ՝ Մորիս Ջերալդի ձայնն էր։

Դռնից դուրս գալով՝ ծառան տեսավ մոտեցող մուստանգերին։ Ինչպես և պետք էր սպասել, նրա տերը գալիս էր իր ձին հեծած։ Բայց աշխետը ամբողջովին քրտնած լինելով՝ համարյա սև էր թվում․ նրա կողերն ու պարանոցը քրտնքի փրփուրով էին ծածկված։

Աշխետը մենակ չէր։ Պիրկ ձգված լասսոյով կապած, որի մի ծայրն ամրացրած էր թամբի աղեղին, նա իր հետևից քարշ էր տալիս գերի բռնված իր ընկերոջը։ Բռնված մուստանգի ծնոտին կապված կաշվե փոկը պահվում էր մի ուրիշ փոկով, որը գցած էր կենդանու վիզը, ուղիղ ականջների ետևով։

Սա բոլորովին արտասովոր գույնի մի մուստանգ էր։ Նույնիսկ պրերիաներում արածող վայրի ձիերի վիթխարի երամակների մեջ, որտեղ ամեն գույնի ձի պատահում է, այդպիսի գույնը հազվադեպ բան էր։

Դա մուգ շոկոլադի գույնի ձի էր՝ սպիտակ բծերով, որոնք դասավորված էին այնպես համաչափ, ինչպես հովազի մորթու մուգ բծերը։ Գեղեցիկ գույնը համապատասխանում էր կենդանու անբասիր կազմվածքին։ Նա լայն կուրծք ուներ, պիրկ կողեր, բարեկազմ, բարակ ոտքեր, իսկ գլուխը կարող էր ձիու գեղեցկության օրինակ ծառայել։ Որպես մուստանգ խոշոր էր, բայց ավելի փոքր էր անգլիական սովորական ձիուց, փոքր էր նույնիսկ աշխետից, որը նույնպես մուստանգ էր և օգնել էր գերի բռնել նրան։

Այդ գեղեցիկ նժույգը զամբիկ էր և այն երամակիցն էր, որը սիրում էր արածել Ալամո գետի ակունքներում, որտեղ մուստանգերը երեք անգամ նրա ետևից էր ընկել, բայց ապարդյուն։ Միայն չորրորդ անգամ նրա բախտը բանել էր։

Բայց թե ինչո՞ւ մուստանգերն այդպես անզուսպ ցանկություն ուներ տիրելու հատկապես այդ ձիուն, այդ արդեն միայն նրա գաղտնիքն էր։

Ֆելիմը դեռ երբեք իր տիրոջն այդպիսի բարձր տրամադրության մեջ չէր տեսել, նույնիսկ այն ժամանակ, երբ մուստանգերը, ինչպես այդ հաճախ էր պատահում, որսից վերադառնում էր հինգ-վեց վայրենի ձի բռնած։

Բայց դեռ երբեք Ֆելիմն այդպիսի գեղեցկուհի չէր տեսել, ինչպիսին խատուտիկ զամբիկն էր։ Ով ասես, որ չէր հիանա նրան նայելով։

― Հի՛պ-հի՛պ, ուռա՜,― գերի բռնված ձիուն տեսնելուն պես գոչեց Ֆելի-մը՝ վեր նետելով իր գլխարկը։― Փառք սուրբ կույսին և սուրբ Պատրիկին[21], միստր Մորիսը, վերջապես, բռնել է խատուտիկ զամբիկը։ Այ թե ձի է հա։ Զարմանալի չէ, որ դուք այնպես եռանդով սրա ետևից եք ընկել։ Աստված վկա։ Մեր Բալլինոսլոյի շուկայում սրան ինչ գին ասես կտան, թեպետ էլի կարելի է ասել, թե մեր ձեռքից խլեցին։ Ա՛յ թե ձի է հա․․․ հիմա ո՞ւր տանենք սրան։ Արգելափակո՞ց, մյուսների մո՞տ։

― Չէ՛, այնտեղ մյուս մուստանգները կարող են քացի տալ սրան։ Ավելի լավ է ծածկի տակ կապենք։ Կաստրոն, որպես հյուրասեր տանտեր, իր տեղը կզիջի սրան, իսկ ինքը գիշերը բաց երկնքի տակ կմնա։ Դու երբևիցե տեսած կա՞ս այսպիսի գեղեցկուհի, Ֆելիմ․․․ այսինքն, ուզում էի ասել այսպիսի գեղեցիկ ձի։

― Երբե՛ք, միստր Մորիս, օրումս տեսած չկամ։ Մինչդեռ ես ցեղական ձիեր շատ եմ տեսել Բալլիբալահում։ Ի՜նչ հիանալի բան է, մարդ ուղղակի ուտել է ուզում։ Բայց տես, որ ինքը չուտի որևէ մեկի գլուխը։ Դուք դեռ սրան բոլորովին չե՞ք հեծել։

― Ո՛չ, Ֆելիմ, ես սրանով կզբաղվեմ, երբ ավելի շատ ժամանակ կունենամ։ Դա պետք է անել, ինչպես հարկն է։ Ախր ափսոս է փչացնել այնպիսի գեղեցկությունը։ Ես սրան վարժեցնել կսկսեմ այն ժամանակ, երբ կտանեմ ավան։

― Իսկ ե՞րբ եք մտադիր այնտեղ գնալ։

― Վաղը։ Մենք պետք է դուրս գանք արշալույսին, որպեսզի իրիկնա-պահին ամրոց հասնենք։

― Ա՜յ, դա լավ է։ Ես ոչ թե ինձ, այլ ձեզ համար եմ ուրախանում, մաստեր Մորիս։ Հայտնի՞ է ձեզ, որ մեր վիսկին արդեն վերջանում է։ Դա հասկանալի է նրանից, թե ինչպես է շշի մեջ բլթբլթում։ Ամրոցի այդ խարդախ սրիկաները շատ լավ խաբել գիտեն․ նրանք համ ջուր են խառնում վիսկիին, համ էլ պակաս են չափում։ Մի գալոն[22] անգլիական վիսկին մենք երկու-երեք անգամ ավելի երկար ժամանակ կխմենք, քան այս ամերիկյան «զիբիլը», ինչպես հենց իրենք՝ յանկիներն են կոչում։

― Վիսկիի մասին մի անհանգստանա, Ֆելիմ։ Կարծում եմ այնքան կլինի, որ և՛ այսօր կբավականացնի, և՛ վաղվա ճամփորդության համար կարող ենք մեր տափաշշերը լցնել։ Մի վհատվիր, սիրելիս։ Նախ գնանք մեր այս խատուտիկին տեղավորենք, իսկ հետո ժամանակ կունենանք խոսելու խմիչքի մասին, որը, ես գիտեմ, դու աշխարհում ամեն բանից ավելի ես սիրում, եթե չհաշվենք քո անձը։

― Եվ մեկ էլ ձեզ, մաստեր Մորիս,― ավելացրեց Ֆելիմը ծիծաղելով։

Մուստանգերը ժպտաց և ցած թռավ թամբից։

*  *  *



Խատուտիկ զամբիկը տեղավորեցին ծածկի տակ, իսկ Կաստրոյին կապեցին ծառից։ Ֆելիմը սկսեց մաքրել նրան՝ պրերիայում ընդունված բոլոր կանոններով։

Օրվա չարչարանքից հոգնած մուստանգերը նետվեց իր մահճակալին։ Նա դեռ երբեք ոչ մի մուստանգի այնքան երկար ժամանակ չէր հետապնդել, որքան այս խատուտիկ զամբիկին։ Բայց թե ի՞նչն էր պատճառը, որ այդպես համառորեն հետապնդում էր նրան, այդ ոչ ոք չգիտեր, ո՛չ Ֆելիմը, ո՛չ նրա հավատարիմ նժույգը՝ Կաստրոն, ոչ ոք աշխարհում, բացի իրենից։

Չնայած մի քանի օր շարունակ նա թամբի վրա էր եղել, որից վերջին երեք օրն անընդհատ հետապնդել էր խատուտիկ զամբիկին, չնայած անասելի հոգնածությանը, մուստանգերը քնել չէր կարողանում։ Մերթընդմերթ նա վեր էր կենում և խրճիթում ետ ու առաջ քայլում, ասես ինչ-որ մի բան խիստ հուզում էր նրան։

Արդեն մի քանի գիշեր էր, ինչ նա տառապում էր անքնությունից, ան-կողնում շուռումուռ էր գալիս, այնպես որ ոչ միայն Ֆելիմը, այլև նույնիսկ Թարա շունն սկսել էր զարմանալ տիրոջ վարմունքից։

Ծառան կարող էր մտածել, թե իր տերը եփ է գալիս խատուտիկ զամբիկը բռնելու անհամբերությունից, եթե չիմանար, որ նրա տենդագին անհանգստությունն ավելի շուտ է սկսվել, քան նա իմացել է խատուտիկի գոյության մասին։

Ամրոցից վերադառնալուց մի քանի օր հետո միայն խատուտիկ զամբիկը առաջին անգամ մուստանգերի աչքին էր ընկել, այնպես որ նրա տրամադրության փոփոխության պատճառը մի ուրիշ բան պիտի լիներ։

Թվում էր, թե հաջող որսը նրան հանգստացնելու փոխարեն հակառակ ազդեցությունն էր ունեցել։ Համենայնդեպս այդպես էր մտածում Ֆելիմը։ Վերջապես, օգտվելով կաթնեղբոր իրավունքից, նա որոշեց հարցնել մուստանգերին, թե ինչ է պատահել նրան։ Եվ երբ Մորիսը նորից սկսեց շուռումուռ գալ անկողնում, հնչեց ծառայի ձայնը։

― Ի՞նչ է պատահել ձեզ, մաստեր Մորիս։ Ասացեք ինձ, ի սեր Աստծու։

― Ոչինչ, Ֆելիմ, ոչինչ չի պատահել։ Դու ինչո՞ւ ես այդպիսի հարց տալիս։

― Ինչպե՞ս հարց չտամ։ Ախր դուք վերջին անգամ ավանից վերադառնալուց հետո ոչ մի րոպե աչք չեք փակել։ Ինչ-որ մի բան ձեր քունը կտրել է։ Գուցե որևէ մեքսիկացի աղջի՞կ է։ Բայց ո՛չ։ Ես դրան չեմ հավատա, Ջերալդների հնամենի տոհմի շառավիղին դա չի սազի։

― Անմիտ բաներ ես ասում, սիրելիս։ Միշտ էլ քո աչքին ինչ-որ բաներ են երևում։ Ավելի լավ է մի բան տուր ուտելու։ Մի՛ մոռացիր, որ ես առավոտվանից ոչինչ չեմ կերել։ Ի՞նչ ունես ուտելու։

― Ճիշտը որ ասեմ՝ այնքան էլ շատ բան չկա։ Չէ՞ որ այս օրերին, երբ դուք գնացել էիք այդ մուստանգը բռնելու, ոչինչ չի ավելացել։ Ունենք մի քիչ եղջերուի միս ու մեկ էլ եգիպտացորենի հաց։ Եթե ուզում եք, ես իսկույն միսը կտաքացնեմ։

― Լավ, ես կարող եմ սպասել։

― Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի սպասելը, եթե նախ ձեր կոկորդը թրջեիք։

― Համաձայն եմ, տուր։

― Մաքո՞ւր, թե՞ ջրախառն։

― Մի բաժակ գրոգ[23]։ Միայն թե ջուրը սառը լինի, գետակից բեր։

Ֆելիմը դարակից վերցրեց արծաթե գավաթը և արդեն ուզում էր գնալ, երբ հանկարծ քնարան բարձր հաչոցով նետվեց դեպի դուռը։ Ֆելիմը մի փոքր վախենալով մոտեցավ դռանը։

Շան հաչոցը փոխվեց ուրախ ծմրոցի, ինչից երևում էր, որ նա որևէ բարեկամի է դիմավորում։

― Ծերունի Զեբ Ստումպն է,― ասաց Ֆելիմը դուրս նայելով և գնաց նախ՝ հյուրին ողջունելու և ապա՝ տիրոջ հանձնարարությունը կատարելու։

Նորեկը բոլորովին նման չէր այս խրճիթի բնակիչներին։

Դա վեց ոտնաչափ բարձրությամբ մի հաղթանդամ մարդ էր։ Հագին ուներ կոկորդիլոսի կաշվից կարված երկարաճիտ կոշիկներ, որոնց լայն ճտքերի մեջ էին խրված տանու գործվածքից կարված բրդյա շալվարի փողքերը։ Միաժամանակ այդ շալվարը կարմիր էր ներկված եղել, բայց այժմ ցեխից արդեն կորցրել էր իր գույնը։ Եղջերուի մորթուց կարված վերնաշապիկը հագել էր ուղղակի մարմնի վրա, իսկ վերնաշապկի վրայից էլ հագած ուներ արդեն բոլորովին խունացած մի կանաչ բաճկոն, որ կարված էր տեղական հնդկացիների կոշտ կտորից։ Դեղնած թաղիքե խիստ մաշված գլխարկը լրացնում էր նրա համեստ հագուստը։

Զեբ Ստումպի որսորդական հանդերձանքը բնորոշ էր Հյուսիսային Ամերիկայի անտառային որսորդների համար։ Գնդակների տոպրակը և մանգաղանման մի մեծ եղջյուր, որ վառոդամանի դեր էր կատարում, կախված էին աջ ուսի վրայով գցված կաշվե փոկից։ Բաճկոնի վրայից կապած ուներ մի կաշվե լայն գոտի, որից կախված էր նույնպես կաշվե պատյան, և այդ պատյանից դուրս էր ցցվել որսորդական դանակի կոշտ ու կոպիտ կոթը, որ շինված էր եղջերուի պոզից։

Հակառակ տեխասյան որսորդների սովորության նա երբեք ո՛չ մոկասին էր հագնում, ո՛չ զանգապաններ, ո՛չ եղջերուի մորթուց կարված եր-կար վերնաշապիկ։ Նրա համեստ հագուստը և որսորդական պիտույքները զարդարանքներ չունեին։ Ամեն ինչ պարզ էր, համարյա կոպիտ, կարծես Զեբը դատապարտում էր ամեն տեսակ պճնամոլություն։

Նույնիսկ հրացանը, նրա հավատարիմ զենքը, իր արհեստի գլխավոր գործիքը ասես երկաթե ձող լիներ կոշտ ու կոպիտ դարչնագույն մի փայտի ամրացված։ Երբ նա հրացանը գետնին էր դնում, փողը հասնում էր տիրոջ ուսին։

Որսորդը, որի հագուստն ու զենքը մենք նկարագրեցինք, կլիներ մոտ հիսուն տարեկան։ Մաշկը թխագույն էր, իսկ դիմագծերն առաջին հայացքից մռայլ էին թվում։ Բայց երբ մի քիչ ավելի խորն էին նայում, սկսում էիր զգալ, որ այդ մարդը զուրկ չէ մեղմ հումորից։ Նրա մանրիկ, գորշ աչքերի խորամանկ կայծը ցույց էր տալիս, որ ծերունի որսորդը գնահատում է լավ կատակը և ինքն էլ գիտե կատակներ անել։

Ֆելիմն արդեն տվեց նրա անունը․ դա Զեբուլոն Ստումպն էր, կամ, ինչպես ծանոթների նեղ շրջանում կոչում էին նրան, «ծերունի Զեբ Ստումպը»։

Զեբ Ստումպը ծնվել ու մեծացել էր Քենտուկի նահանգում և երիտասարդությունն անց էր կացրել Միսսիսիպիի ստորին հոսանքի կուսական անտառներում, բացառապես զբաղվելով որսորդությամբ։ Այժմ, երբ արդեն տարեց մարդ էր, նա շարունակում էր զբաղվել նույն գործով, միայն թե հարավարևմտյան Տեխասի թավուտներում։

Թարան ոստոստում էր և շնավարի ողջունում ծերունի որսորդին։ Իսկույն երևում էր, որ Զեբ Ստումպն ու շան տերը բարեկամներ են։

― Ողջո՛ւյն,― լակոնական ոճով բարևեց Զեբը մուստանգերին՝ իր հաղթ մարմնով ծածկելով խրճիթի դուռը։

― Բարև ձեզ, միստր Ստումպ,― պատասխանեց տանտերը՝ վեր կե-նալով և ընդառաջ գնալով հյուրին։― Ներս մտեք և նստեցեք։

Որսորդը չսպասեց, որ շատ խնդրեն իրեն և, խրճիթի շեմքն անցնելով, անճոռնաբար նստեց խախուտ աթոռին, որի վրա քիչ առաջ Ֆելիմն էր նստած։ Բայց աթոռն այնքան ցածր էր, որ Ստումպի ծնկերը համարյա հավասարվեցին կզակին, իսկ հրացանի երկար փողը նիզակի նման մի քանի ոտնաչափ էլ վեր ցցվեց նրա գլխից։

― Ա՛յ անիծվեն այս աթոռները,― մրթմրթաց նա՝ դժգոհ լինելով իր անհարմար դիրքից․― Ափսոս չէ՞ ծառի կոճղը, գոնե նստելիս զգում ես, որ տակիդ չի կոտրվի։

― Նստեցեք, ահա, այստեղ,― ասաց տանտերը՝ մատնացույց անելով խրճիթի անկյունում դրված կաշեպատ սնդուկը։― Սա ավելի դիմացկուն կլինի։

Ծերունի Զեբը չստիպեց, որ իրեն համոզեն, նա վեր կացավ, հասակով մեկ ձգվեց և փոխադրվեց սնդուկի վրա։

― Էլի ոտքո՞վ եք եկել, միստր Ստումպ, ինչպես միշտ։

― Ոչ, իմ պառավ ձին հետս է, կապել եմ ծառից։ Ես որսի չէի գնացել։

― Կարծեմ դուք երբեք ձիով որսի չեք գնում, չէ՞։

― Ի՞նչ է, ես հիմա՞ր եմ։ Ձիով որսի գնացողը կատարյալ հիմար է։

― Բայց չէ՞ որ Տեխասում բոլորը ձիով են գնում։

― Բոլորն են գնում թե չէ, միևնույն է, դա հիմար սովորություն է, ծույլ հիմարների սովորություն։ Ոտքով որ գնամ, ես մի օրում ավելի շատ որս կխփեմ, քան մի շաբաթում ձիով շրջելիս։ Իհարկե, մուստանգի որսորդին ձին անհրաժեշտ է, ձեր որսն ուրիշ է։ Բայց եթե որսում ես արջ կամ եղջերու կամ վայրի հնդկահավ, ապա քո ձին միայն կխրտնեցնի որսը։ Իմ պառավ զամբիկը ես պահում եմ միայն որսը փոխադրելու համար։

― Ասում եք ձեր ձին այստե՞ղ է։ Ֆելիմը նրան ծածկի տակ կտանի։ Դուք հո գիշերն այստեղ եք մնալու։

― Այդ մտքով էլ եկել եմ։ Իմ ձիու մասին մի՛ անհանգստացեք, նա լավ է կապված։ Հետո բաց կթողնեմ, որ գնա արածի։

― Չէի՞ք ուզենա մի բան ուտել, Ֆելիմը հենց հիմա ընթրիք է պատրաստում։ Բայց ափսոս, որ բացի եղջերուի մսից, ուրիշ լավ բանով ձեզ հյուրասիրել չեմ կարող։

― Եղջերուի մսից լավ ի՞նչ կարող է լինել։ Գուցե թե միայն արջի միսը։ Միայն թե այդ միսը պետք է կրակի վրա լավ խորովել։ Ես ինքս էլ կօգնեմ։ Միստր Ֆելիմ, եթե ձեզ համար նեղություն չէ, գնացեք, խնդրում եմ, և բերեք իմ ձիու թամբից կախված հնդկահավը։ Ես այն ճանապարհին եմ սպանել։

― Ա՜յ հիանալի բան,― գոչեց մուստանգերը։― Թե չէ՝ մեր պաշարները վերջանալու վրա են։ Վերջին երեք օրվա ընթացքում ես մի սքանչելի մուստանգի ետևից էի ընկել և հետս հրացան չէի վերցրել։ Ֆելիմն ու ես, մեզ հետ էլ Թարան, այդ օրերին քաղցած ենք մնացել։

― Իսկ ի՞նչ մուստանգ է դա,― հետաքրքրվեց որսորդը՝ ասես ուշադ-րություն չդարձնելով մուստանգերի վերջին խոսքերի վրա։

― Մուգ շոկոլադի գույնի զամբիկ է՝ սպիտակ բծերով։ Սքանչելի ձի է։

― Գրո՛ղը տանի, տղա՛։ Այդ հո հենց այն է, ինչի համար ես այստեղ եմ եկել։

― Ինչպե՞ս թե։

― Ես տեսել եմ այդ մուստանգը։ Ասում եք զամբի՞կ է։ Ես այդ չգիտեի, որովհետև նա երբեք ինձ կես մղոնից ավելի մոտենալ չի թողել։ Ես նրան մի քանի անգամ եմ տեսել պրերիայում և մտածել եմ, որ արժե նրան բռնել։ Եվ ահա թե ինչու։ Վերջին անգամ մեր հանդիպումից հետո ես եղա Լեոնայում։ Այնտեղ է եկել մի մարդ, որին ես ճանաչում էի դեռ Միսսիսիպիում։ Դա մի հարուստ ագարակատեր է։ Նա շատ փարթամ կյանք էր վարում։ Շատ անգամ եմ ես եղջերու և հնդկահավ տարել նրա խոհանոցի համար։ Նրա ազգանունն է Պոյնդեքստեր։

― Պոյնդեքստե՞ր։

― Այո, նրան բոլորն են ճանաչում Միսսիսիպիի ափերին, սկսած Օռլեանից մինչև Սենտ Լուիս։ Նա հարուստ մարդ էր, և կարծում եմ, հիմա էլ աղքատ չէ, որովհետև հետը հարյուրի չափ նեգր է բերել։ Բացի դրանից, նրա հետ եկել է իր քրոջ որդին, անունը՝ Կոլհաունը, որը շատ փող ունի և ինչ պիտի անի նա այդ փողը, եթե ոչ պարտք տա իր քեռուն։ Եվ կտա, թեև, իհարկե, ո՛չ առանց հետին մտքի։ Տղան խելքը գլխին տղա է։ Իսկ հիմա, բարեկամս, ասեմ, թե ես ինչու եմ եկել ձեզ մոտ։ Այդ ագարակատերը մի աղջիկ ունի, որը ձիու սիրահար է։ Լուիզիանայում նա ամենակատաղի ձիերն էլ սանձահարում էր։ Մի անգամ այդ աղջիկը լսել է, թե ես ինչեր եմ պատմում խատուտիկ մուստանգի մասին։ Եվ այդ օրվանից հորը հանգիստ չէր տալիս, մինչև որ ծերունին խոստացավ փող չխնայել նրան, ով կբռնի այդ ձին։ Նա ասաց, որ երկու հարյուր դոլար կվճարի։ Իհարկե, այստեղի մուստանգերները, հենց որ այս լուրն առնեն, իսկույն այդ մուստանգի ետևից կընկնեն։ Դրա համար էլ, առանց որևէ մեկին մի խոսք ասելու, իմ պառավ զամբիկը նստեցի ու շտապեցի ձեզ մոտ։ Բռնեցեք խատուտիկին, և երկու հարյուր դոլարը ձեր գրպանում կլինի։ Զեբ Ստումպը երաշխավորում է այս։

― Ինձ հետ մի րոպե դուրս չե՞ք գա, միստր Ստումպ,― ասաց երիտասարդ իռլանդացին՝ տեղից վեր կենալով և դեպի դուռն ուղղվելով։

Որսորդն այս անսպասելի հրավերից մի փոքր զարմացած՝ հետևեց նրան։

Մորիսն իր հյուրին տարավ ծածկի մոտ և հարցրեց․

― Նմա՞ն է այս ձին այն մուստանգին, որի մասին դուք խոսում էիք, միստր Ստումպ։

― Գրողի փայ դառնամ, եթե սա հենց նույն մուստանգը չէ։ Արդեն բռնված է։ Բախտդ բերել է, տղա՛, երկու հարյուր դոլարը ոնց որ երկնքից ընկ-նի։ Եվ նզովված լինեմ ես, եթե այդ գումարից թեկուզ մեկ ցենտ պակաս արժե այս ձին։ Ի՜նչ գեղեցկություն։ Ա՜յ թե կուրախանա միսս Պոյնդեքստերը։

Գլուխ VII․ Անհանգիստ գիշեր

Խատուտիկ մուստանգն արդեն բռնված լինելու անակնկալ փաստը շատ բարձրացրեց ծերունի որսորդի տրամադրությունը։ Ասենք՝ դրան քիչ չնպաստեց նաև շշի պարունակությունը, որի մեջ, հակառակ Ֆելիմի երկյուղի, յուրաքանչյուրի համար «մի-մի կում» գտնվեց ախորժակ բանալու համար, հետո էլ երկրորդ գավաթը՝ հնդկահավն ուտելիս և էլի ամենքին մի քանի գավաթ՝ ծխամորճը ծխելիս։

Ընթրիքի ժամանակ սեղանակիցների աշխույժ զրույցը, պրերիայի բնակիչների սովորության համաձայն, վերաբերում էր գլխավորապես որսորդական արկածներին և հնդկացիների հետ տեղի ունեցած ընդհարումներին։

Քանի որ Զեբ Ստումպը մի յուրատեսակ որսորդական հանրագիտարան է, զարմանալի չէ, որ նա բոլորից շատ էր խոսում և այնպիսի պատմություններ էր անում, որ Ֆելիմը զարմանք էր կտրում։

Սակայն զրույցն ավարտվեց կեսգիշերից դեռ շատ առաջ։ Երևի դատարկված շիշը զրուցակիցներին ստիպեց մտածել հանգստի մասին։ Բայց կար և մի ուրիշ ավելի ճշմարտանման պատճառ։ Առավոտյան մուստանգերը գնալու էր Լեոնա, և բոլորը պիտի շուտ վեր կենային, որպեսզի պատրաստվեն ճանապարհ ընկնելու։ Վայրի ձիերը դեռ ընտե-լացված չէին, և հարկավոր էր նրանց իրար կապել, որպեսզի ճանապարհին դես ու դեն չփախչեն, և էլի շատ գործեր կային մեկնելուց առաջ։

Ծերունի որսորդն իր զամբիկը երկար պարանով կապեց, որպեսզի նա կարողանա արածել և խրճիթ վերադարձավ իր հետ բերելով մի հին դեղնած վերմակ, որ նրա սովորական անկողինն էր։

― Պառկեցեք իմ մահճակալին,― սիրալիր առաջարկեց նրան տանտերը։― Ես ձիու մորթին կփռեմ գետնին ու կպառկեմ։

― Չէ, պատասխանեց հյուրը,― ձեր այս դարակներից ոչ մեկի վրա Զեբ Սաումպը քնել չի կարող։ Գետնին քնելը և՛ ավելի լավ է, և այնտեղից ցած ընկնելու վտանգ չկա։

― Եթե ձեզ այդպես է դուր գալիս, պառկեցեք հատակին։ Ահա այստեղ ամենից լավ կլինի, ես ձեզ համար մորթի կփռեմ։

― Իզուր ժամանակ մի՛ կորցրեք, երիտասարդ։ Ես սովոր չեմ հատակին քնելու։ Իմ անկողինը պրերիայի կանաչ խոտն է։

― Մի՞թե դուք ուզում եք բաց երկնքի տակ քնել,― զարմանքով գոչեց մուստանգերը, տեսնելով, որ հյուրը իր վերմակն ուսը գցելով ուղղվեց դեպի դուռը։

― Այո՛, և ուրիշ ոչ մի մտադրություն չունեմ։

― Բայց, լսեցեք, ախր ցուրտ գիշեր է, դուք կմրսեք։

― Դատարկ բան է։ Թող մի քիչ էլ մրսեմ։ Այդ ավելի լավ է, քան տանիքի տակ առանց օդի խեղդվելը։

― Կատա՞կ եք անում, միստր Սաումպ։

― Երիտասարդ,― հանդիսավոր վրա բերեց որսորդը,― Զեբ Ստումպը վերջին վեց տարվա ընթացքում դեռ ոչ մի անգամ տանիքի տակ չի քնել։ Կար ժամանակ, որ ես էլ տան նման մի բան ունեի․ դա մի մեծ ծառի փչակ էր։ Այդ Միսսիսիպիի ափին էր, երբ իմ պառավը դեռ ողջ էր, և ես այդ կացարանը նրա համար էի պահում։ Պառավիս մահից հետի ես տեղափոխվեցի նախ Լուիզիանա, հետո էլ այստեղ։ Այդ ժամանակից, գիշեր թե ցերեկ, իմ միակ տանիքը եղել է Տեխասի կապուտակ երկինքը։

― Եթե դուք գերադասում եք դուրսը քնել․․․

― Այո, գերադասում եմ,― կարճ պատասխանեց որսորդը և, դուրս գնալով, ուղղվեց դեպի մարգագետինը, որ փռված էր խրճիթի ու գետակի միջև։

Նա ոչ միայն հին վերմակն էր վերցրել, այլև թևին էր գցել ձիու մազից հյուս վեց-յոթ յարդ[24] երկարությամբ մի պարան, որով սովորաբար ձին կապում են արոտավայրում, բայց այս դեպքում պարանն ուրիշ նպատակի համար էր։

Լուսնի լույսով մարգագետինն ուշիուշով դիտելուց հետո որսորդը․ պարանը շրջանաձև փռեց գետնին, ընդգրկելով մի քանի ոտնաչափ տրամագծով մի տարածություն։ Ապա մտնելով այդ յուրահատուկ ցանկապատի ներսը և վերմակի մեջ փաթաթվելով՝ Զեբ Ստումպը հանգիստ պառկեց և մի րոպե անց կարծես արդեն քնած էր։

Դատելով նրա բարձր շնչառությունից՝ պետք է որ իսկապես քնած լիներ․ Զեբ Ստումպը պինդ առողջություն ուներ և հանգիստ խիղճ, դրա համար էլ պառկելուն պես քնում էր։

Բայց նա երկար հանգստանալ չկարողացավ։ Մի զույգ զարմացած աչքեր հետևում էին որսորդի ամեն մի շարժումին։ Դրանք Ֆելիմ Օ’Նիլի աչքերն էին։

― Սո՜ւրբ Պատրիկ,― շշնջաց Ֆելիմը,― այս ի՞նչ է նշանակում։ Ծերունին ինչո՞ւ իրեն շրջապատեց պարանով։

Սկզբում իռլանդացու հետաքրքրասիրությունը պայքարում էր քաղաքավարության զգացմունքի հետ, բայց հետո առաջինը հաղթեց։ Հենց որ լսվեց որսորդի խռմփոցը, Ֆելիմը մոտեցավ նրան ու սկսեց ցնցել, որպեսզի նրանից պատասխան ստանա իրեն անհասկանալի հարցին։

― Ա՛յ անիծվես դու, իռլանդական է՛շ,― գոչեց Ստումպը ակներև դժգոհությամբ։― Ես էլ կարծեցի, թե արդեն լուսացել է։ Ասում ես ինչու եմ պարանը փռել իմ շո՞ւրջը։ Էլ ինչի՞ պիտի փռեմ, եթե ոչ ամեն տեսակ զեռունից ինձ պաշտպանելու համար։

― Ի՞նչ զեռուն, միստր Ստումպ։ Ուզում եք ասել օձերի՞ց։

― Դե իհարկե, օձերից, գրողը տանի քեզ։ Գնա քնի՛ր։

Չնայած հյուրի խիստ պատասխանին՝ Ֆելիմը շատ գոհ վերադարձավ խրճիթ։ «Եթե չհաշվենք հնդկացիներին, Տեխասում ամենավատը թունավոր օձերն են,― ինքն իրեն փնթփնթում էր նա։― Ինչ այստեղ եմ ընկել, ոչ մի գիշեր հանգիստ քնել չեմ կարողանում։ Մարդ մի գլուխ օձերի մասին է մտածում, կամ երազում օձեր է տեսնում։ Ափսոս, որ սուրբ Պատրիկը այն աշխարհը գնալուց առաջ չի այցելել այս երկիրը»[25]։

Ապրելով այս մենավոր խրճիթում՝ Ֆելիմը քիչ մարդու էր հանդիպում, ուստի չէր իմանում ձիու մազից հյուսած պարանի մոգական հատկությունները։

Նա շտապեց օգտագործել իր ձեռք բերած այդ նոր գիտելիքը։ Կամացուկ մտնելով խրճիթ, որպեսզի հենց նոր քնած տիրոջը չարթնացնի, Ֆելիմը ցած առավ պատից կախված պարանը, ապա նորից դուրս եկավ և այն օղակաձև գետնին փռեց խրճիթի շուրջը։

Իր այս գործողությունն ավարտելուց հետո իռլանդացին նորից ներս մտավ՝ ինքն իրեն շշնջալով․

― Վերջապես Ֆելիմ Օ’Նիլը կարող է հանգիստ քնել, որքան էլ շատ լինեն օձերն այս Տեխասում։

Սրանից հետո խրճիթում կատարյալ լռություն տիրեց։ Սուրբ Պատրիկի հայրենակիցն այլևս օձերից վախ չուներ և, ձիու մորթու վրա մեկնվելով, իսկույն քուն մտավ։

Միառժամանակ թվում էր, թե բոլորը, նույնիսկ Թարան ու նոր բռնված մուստանգները, վայելում են գիշերվա հանգիստը։ Լռությունը խախտում էր միայն Ստումպի պառավ զամբիկը, որը դեռ գիշերային արոտում հյութալի խոտ էր արածում։

Բայց շուտով պարզվեց, որ ծերունի որսորդը քնած չէ։ Փոխանակ հանգիստ պառկելու՝ նա կողքից կողք էր շուռ գալիս, կարծես ինչ-որ, անհանգիստ միտք կտրել էր նրա քունը։

Մի տասն անգամ շուռումուռ գալուց հետո Զեբը տեղում նստեց ու դժգոհ հայացքով շուրջը նայեց։

― Գրողը տանի այդ իռլանդացի հիմարին,― նետեց նա ատամների արանքից։― Քունս փախցրեց նզովյալը։ Պետք էր դուրս քաշել նրան ու գետի մեջ շպրտել, որ խրատ լինի։ Ձեռքերս քոր են գալիս, բայց ես այդ բանը չեմ անում միայն նրա տիրոջը հարգելով։ Երևի էլ մինչև առավոտ քնել չեմ կարող։

Այս ասելով որսորդը կրկին վերմակի մեջ փաթաթվեց ու նորից պառ-կեց։ Բայց դարձյալ քնել չկարողացավ։ Նա նորից սկսեց շուռումուռ գալ։ Վերջապես տեղում նստեց ու սկսեց ինքն իրեն խոսել։

Այս անգամ Ֆելիմին գետակի ջուրը նետելու սպառնալիքը ավելի պարզ ու վճռական էր հնչում։

Թվում էր, թե որսորդը դեռ տատանվում է, երբ հանկարծ նկատեց մի բան, որն իսկույն փոխեց նրա մտքերի ընթացքը։ Իր նստած տեղից մի քսան ոտնաչափ հեռու, խոտի վրայով սողում էր մի երկար, բարակ մարմին։ Նրա փայլուն մաշկի վրա արտացոլվում էին լուսնի արծաթա-շող ճառագայթները, և դժվար չէր հասկանալ, որ դա սողուն է։

― Օ՜ձ,― շշնջաց Զեբը, երբ հայացքը կանգ առավ սողունի վրա։― Հետաքրքիր է՝ ինչ ցեղի օձ է գիշերով սողում այստեղ․․․ Թե ասեմ բոժոժավոր օձ է՝ շատ մեծ է։ Ասենք՝ այս կողմերում այդպիսի մեծության բոժոժավոր օձեր հանդիպում են։ Բայց սա շատ բաց գույնի է, և մարմինն էլ ավելի բարակ է, քան լինում է բոժոժավորինը։ Ո՛չ, սա բոժոժավոր օձ չէ․․․ Ա՜, հասկացա, դա ջրային օձ է, որ ձվեր է փնտրում։ Ա՛խ, դու, սատանա՛։ Հենց ուղիղ իմ կողմն է սողում․․․ Բայց Զեբի խոսքի մեջ վախ չէր զգացվում։ Նա գիտեր, որ օձը մազմզոտ պարանից ներս չի անցնի, այլ դիպչելով նրան՝ ետ կսողա ինչպես կրակից։ Այդ մոգական շրջանի պաշտպանության տակ որսորդը կարող էր հանգիստ դիտել անկոչ հյուրին, եթե նույնիսկ դա ամենաթունավոր օձը լիներ։

Բայց դա թունավոր օձ չէր, այլ ընդամենը ամենաանվնաս մի լորտու, որը, սակայն, հյուսիսամերիկյան օձերի ցուցակում համարվում է ամենախոշոր օձերից մեկը։ Զեբի դեմքին հետաքրքրություն էր արտացոլվում, այն էլ ոչ շատ մեծ։ Որսորդը չզարմացավ և չվախեցավ նույնիսկ այն ժամանակ, երբ սողունը մոտեցավ պարանին և գլուխը փոքրինչ բարձրացնելով դիպավ նրան։

Դրանից հետո ընդհանրապես վախենալու բան չկար։ Օձը իսկույն շուռ եկավ ու ետ սողաց։

Մեկ-երկու վայրկյան որսորդն անշարժ նստած դիտում էր, թե օձն ինչպես է հեռանում։ Թվում էր, թե նա մտածում է՝ գնալ սպանե՞լ նրան, թե՞ հանգիստ թողնել։ Եթե դա բոժոժավոր, նիզակագլուխ կամ մոկասին օձ լիներ, նա իր կոշկի ծանր կրունկը նրա գլխին կդներ։ Բայց այդ անվնաս սողունին ինչո՞ւ սպանել։ Այս պարզ երևում էր այն խոսքերից, որ մրմնջում էր որսորդը, երբ օձը դանդաղորեն ետ էր սողում։

― Խե՜ղճ արարած։ Թող գնա, ուր ուզում է։ Ճիշտ է, նա հնդկահավերի ձվեր է ուտում և այդպիսով պակասեցնում է հնդկահավերի թիվը, բայց ի՛նչ արած, դա նրա միակ ուտելիքն է, և ես չեմ կարող դրա համար բարկանալ նրա վրա։ Բայց, ա՛յ, այն անիծյալ հիմարի վրա խիստ բարկացած եմ։ Ա՛յ, նրան ես կուզեի մի լավ պատժել, բայց այնպես, որ իր տիրոջը չնեղացնեմ․․․ Հա՛։ Լավ մտածեցի։

Այս ասելով ծերունի որսորդը ոտքի թռավ, նրա դեմքը խորամանկ և ուրախ արտահայտություն ստացավ, և նա վազեց հեռացող լորտուի ետևից։

Մի քանի քայլ էր հարկավոր նրան հասնելու համար։ Զեբը սողունի վրա հարձակվեց իր բոլոր տասը մատները չռած, մի վայրկյան հետո արդեն նրա երկար, փայլփլուն մարմինը գալարվում էր որսորդի ձեռքի մեջ։

― Դե՛հ, միստր Ֆելիմ,― գոչեց Զեբը,― հիմա արդեն պինդ կաց։ Եթե քեզ այնպես չվախեցնեմ, որ էլ մինչև առավոտ աչքդ խփել չկարողանաս, ուրեմն այնպիսի ապուշն եմ, որը բազեն հնդկահավից տարբերել չի կարող։ Դե հիմա սպասիր։

Եվ որսորդն ուղղվեց դեպի խրճիթը։ Գաղտագողի մոտենալով՝ նա լորտուն բաց թողեց այն պարանից ներս, որով Ֆելիմը խնամքով շրջապատել էր խրճիթը։

Ապա վերադառնալով իր կանաչ մահիճը՝ որսորդը նորից վերմակը վրան քաշեց ու մրմնջաց․

― Սողունը պարանի վրայով չի անցնի ու չի հեռանա, սա հաստատ բան է։ Պարզ է և այն, որ նա ելք գտնելու համար այս ու այն կողմ կսողա։ Եվ եթե մի կես ժամից հետո այդ հիմար իռլանդացու վրա չբարձրանա, ուրեմն Զեբ Ստումպն ինքն է հիմար․․․ Բայց սպասիր։ Այս ի՞նչ բան է, գրո-ղը տանի, չլինի՞ թե արդեն․․․

Եթե որսորդը ցանկանար էլի մի բան ասել, միևնույն է, ոչինչ չէր լսվի, որովհետև այդ րոպեին այնպիսի մի աղմուկ բարձրացավ, որը Ալամոյի ափերին կարող էր արթնացնել ամեն կենդանի արարած՝ նույնիսկ մի քանի մղոն հեռավորության վրա։

Սկզբում լսվեց մի ճիչ, կամ, ավելի ճիշտ՝ մարդկային ողբ, այնպիսին, որ կարող էր դուրս թռչել միայն Ֆելիմ Օ’Նիլի կոկորդից։

Հետո Ֆելիմի ողբը խեղդվեց շան հաչոցի և ձիերի վրնջյունի ու խռխռոցի մեջ, որ շարունակվեց մի քանի րոպե անընդհատ։

― Ի՞նչ պատահեց,― հարցրեց մուստանգերը մահճակալից վեր թռչելով և խարխափելով մոտենալով սարսափահար ծառային։― Ի՞նչ սատանա է մտել գլուխդ։ Թե՞ ուրվական ես տեսել։

― Օ՜, մաստեր Մորիս, ուրվականից էլ վատ բան։ Ինձ օձ է կծել։ Նա սողալով անցավ իմ ամբողջ մարմնի վրայով․․․ Օ՜, սուրբ Պատրիկ, ես թշվառ մեղապարտ եմ։ Երևի հենց հիմա կմեռնեմ․․․

― Օ՞ձ է կծել։ Ասա, որտե՞ղդ,― հարցրեց Մորիսը, շտապ մոմը վառելով։

Որսորդի հետ միասին, որն արդեն ներս էր մտել, նա սկսեց զննել Ֆելիմի մարմինը։

― Խայթի ոչ մի հետք չեմ նկատում,― շարունակեց մուստանգերը, երբ արդեն ծառային շուռումուռ տալով ուշիուշով զննել էր նրա մարմինը։

― Նույնիսկ մի քերծվածք չկա,― հակիրճ ասաց Ստումպը։

― Չի՞ կծել, ասում եք։ Բայց նա սողալով անցավ իմ ամբողջ մարմնի վրայով։ Ես հիմա էլ զգում եմ նրա պաղությունը։

― Բայց արդյոք ճի՞շտ է, որ այստեղ օձ է եղել,― հարցրեց Մորիսը կասկածանքով։― Գուցե դու այդ ամենը երազո՞ւմ ես տեսել, Ֆելիմ։

― Ի՞նչ երազ, մաստեր Մորիս։ Իսկական օձ էր։ Գետնի տակն անցնեմ, թե սուտ եմ ասում։

― Գուցե և իսկապես օձ է եղել,― միջամտեց որսորդը։― Եկեք փնտրենք, գուցե գտնենք։ Բայց զարմանալի է՝ ձեր տան շուրջը ձիու մազից հյուսած պարան է քաշած։ Ինչպե՞ս կարող էր օձն անցնել նրա վրայով․․․ Ահա՛, ահա՛ նա։

Այս ասելով որսորդը մատը մեկնեց դեպի անկյունը, որտեղ կծկված, պառկած էր սողունը։

― Բայց սա եղած-չեղածը լորտու է,― շարունակեց Ստումպը։― Սա աղավնուց էլ անվնաս է։ Սա քեզ խայթել չէր կարող, բայց միևնույն է, մենք սրա հաշիվը կմաքրենք։

Այս ասելով որսորդը լորտուն ձեռքն առավ, վեր բարձրացրեց և այնպիսի ուժով խփեց գետնին, որ լորտուն շարժվելու ընդունակությունը կորցրեց։

― Դե, պրծանք, միստր Ֆելիմ,― ասաց Զեբը իր ծանր կրունկը դնելով սողունի գլխին։ Հիմա պառկիր ու հանգիստ քնիր մինչև առավոտ, այլևս օձերը քեզ չեն անհանգստացնի։

Սպանված լորտուին ոտքով հրելով և ուրախ ծիծաղելով Զեբ Ստումպը դուրս եկավ խրճիթից, նորից իր ամբողջ վիթխարի հասակով մեկնվեց մարգագետնի խոտի վրա և այս անգամ արդեն, վերջապես, քուն մտավ։

Գլուխ VIII․ Հազարոտնուկը

Օձի հետ հաշիվը մաքրելուց հետո բոլորը հանգստացան։ Շան ոռնոցը դադարեց Ֆելիմի ողբի հետ միասին։ Մուստանգները նորից հանգիստ կանգնած էին ծառերի ստվերի տակ։

Խրճիթում լռություն տիրեց։ Մերթ ընդ մերթ լսվում էր միայն, թե ինչպես իռլանդացին շուռումուռ է գալիս մուստանգի մորթու վրա, այլևս չհավատալով, թե ձիու մազից հյուսած պարանը իրեն կպաշտպանի օձերից։

Խրճիթի պատերից դուրս էլ խաղաղ էր։ Միմիայն մի ձայն էր խախտում լռությունը։ Դա կոկորդիլոսի մռնչոցի և գորտի կռկռոցի միջին մի ձայն էր։ Բայց քանի որ այդ ձայնը դուրս էր թռչում Զեբ Ստումպի քթանցքերից, հազիվ թե որևէ այլ բան լիներ, քան քնած որսորդի խռմփոցը։ Եվ նրա ուժգնությունը ցույց էր տալիս, որ Զեբը խոր է քնած։

Որսորդը քնել էր պարանի օղակի մեջ պառկելուն պես։ Այն կատակը, որ նա խաղաց Ֆելիմի գլխին իր քունն ընդհատելու համար վրեժ լուծելու նպատակով, հանգստացնող ազդեցություն էր ունեցել վրան, և հիմա նա լիակատար հանգիստ էր վայելում։

Համարյա մի ամբողջ ժամ շարունակվեց այդ համերգը։ Երբեմն-երբեմն նրան ձայնակցում էին սրա կանչ բուի ճիչերը և շնագայլի վհատ ոռնոցը։

Բայց ահա նորից սկսվեց խմբերգը, որի սկսողը, ինչպես և առաջ, Ֆելիմն էր։

― Փրկեցե՜ք,― հանկարծ գոռաց իռլանդացին՝ արթնացնելով ոչ միայն խրճիթում քնած իր տիրոջը, այլև դուրսը քնած հյուրին։― Ո՜վ սուրբ կույս, անօգնական արդարի պաշտպան, փրկի՜ր ինձ, փրկի՜ր։

― Փրկե՞լ, ինչի՞ց փրկել,― հարցրեց Մորիս Ջերալդը՝ նորից վեր թռ-չելով իր մահճակալից և շտապ վառելով լույսը։― Ի՞նչ է պատահել։

― Մի ուրիշ օձ, ձերդ ողորմածություն։ Օ՜խ, ազնիվ խոսք, սա իժ էր, միստր Ստումպի սպանածից վատը։ Նա խայթել է իմ կուրծքը։ Նրա անցած տեղն այնպես է վառվում, ասես Բալլիբալահի դարբինն է ինձ դաղել շիկացած երկաթով։

― Այ գրո՛ղը տանի քեզ, տխմա՛ր,― գոռաց Զեբ Ստումպը, որ երևաց շեմքում վերմակն ուսերին գցած։― Այս էլ երկրորդ անգամն ես արթնաց-նում ինձ, հիմար․․․ Ներեցեք ինձ, միստր Ջերալդ։ Հայտնի է, որ հիմարներ բոլոր երկրներում կան՝ և Ամերիկայում, և՛ Իռլանդիայում, բայց այսպիսի ապուշի, ինչպիսին Ֆելիմն է, ես դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Սա ուղղակի դժբախտություն է։ Հազիվ թե այսօր մեզ հաջողվի քնել, եթե սրան չխեղդենք գետակի մեջ։

― Օ՜խ, սիրելի Ստումպ, այդպես մի խոսեք։ Երդվում եմ, որ այստեղ էլի օձ կա։ Ես հավատացած եմ, որ նա դեռ խրճիթի մեջ է։ Հենց մի րոպե առաջ ես զգացի, թե նա ինչպես էր սողում իմ վրայով։

― Դու այդ երևի երազո՞ւմդ ես տեսել,― ասաց որսորդը կիսահարցական և ավելի հանգիստ տոնով։― Ես քեզ ասում եմ, որ տեխասյան ոչ մի օձ մազմզոտ պարանի վրայով չի անցնի։ Առաջին օձը երևի արդեն խրճի-թումն էր եղել, նախքան դու պարանը կփաթաթեիր նրա շուրջը։ Չի կարող պատահել, որ երկուսը միանգամից եկած լինեին։ Հիմա մենք կորոնենք․․․

― Օ՜խ, Աստվա՜ծ իմ,― գոռում էր իռլանդացին՝ շապիկը պոկելով իր վրայից։― Ահա, տեսեք, օձի հետքը, ուղիղ կողքիս վրա։ Նշանակում է այստեղ երկրորդ էլ է եղել։ Օ՜, ողորմած սուրբ կույս, ի՞նչ օրն եմ ընկել։ Ես վառվում եմ, ոնց որ կրակի մեջ լինեմ։

― Օ՞ձ,― գոչեց Ստումպը, մոտենալով սարսափահար իռլանդացուն և մոմը բռնելով նրա գլխավերևը։― Ի՜նչ օձ։ Ո՛չ, գրո՛ղը տանի, երդվում եմ, որ սա օձ չէ։ Սա օձից էլ վատ է։

― Օձից էլ վա՞տ,― գոչեց Ֆելիմը հուսակտուր։― Դուք ասում եք օձից էլ վա՞տ, միստր Ստումպ։ Կարծում եք, որ վտանգավո՞ր է։

― Ինչ ասեմ քեզ․․․ Ամեն ինչ կախված է նրանից, թե ես մոտերքում կգտնե՞մ դրա դեղը։ Իսկ եթե չգտա, ապա ես պատասխանատու չեմ․․․

― Օ՜, միստր Ստումպ, մի՛ վախեցրեք ինձ։

― Ի՞նչ է եղել,― հարցրեց Մորիսը առաջին իսկ հայացքով Ֆելիմի կրծքին նկատելով վառ կարմիր բիծ։― Սա ի՞նչ է վերջ ի վերջո,― կրկնեց նա աճող անհանգստությամբ, երբ նկատեց, թե որսորդն ինչպիսի ուշադրությամբ է զննում տարօրինակ հետքը։― Ես այսպիսի բան չեմ տեսել։ Սա վտանգավո՞ր բան է։

― Շատ, միստր Ջերալդ,― պատասխանեց Ստումպը խրճիթի դռան հետևը քաշելով մուստանգերին և նրա հետ խոսելով շշուկով, որպեսզի Ֆելիմը չլսի։

― Բայց ի՞նչ բան է դա,― հուզված հարցրեց Մորիսը։

― Թունավոր հազարոտնուկի հետք։

― Թունավոր հազարոտնո՞ւկ։ Կծե՞լ է նրան։

― Ոչ, չեմ կարծում, թե կծած լինի։ Բայց դրա կարիքն էլ չկա։ Այն էլ բավական է, որ հազարոտնուկը սողացել է նրա վրայով, այդքանն էլ կարող է մահացու լինել։

― Ողորմա՜ծ Աստված։ Մի՞թե այդքան վտանգավոր է։

― Այո, միստր Ջերալդ։ Շատ անգամ եմ տեսել, թե ինչպես վրան այդպիսի բիծ ունեցող առողջ մարդիկ այն աշխարհն են գնացել։ Հարկավոր է օգնել, այն էլ շուտ, թե չէ հիմա անասելի ջերմ կսկսվի, իսկ հետո նա խելքը կթռցնի, ոնց որ կատաղած շան կծած։ Բայց չպետք է նրան վախեցնել, մինչև ես պարզեմ, թե ինչ կարելի է անել։ Այս կողմերում մի բուժիչ բույս է հանդիպում։ Եթե ինձ հաջողվի նրանից շուտ գտնել, այն ժամանակ Ֆելիմին բուժելը դժվար չի լինի։ Դժբախտաբար, լուսինն էլ ծածկվել է ամպերի տակ, և ես ստիպված եմ լինելու շոշափելով գտնել այդ բույսը։ Ես գիտեմ, որ դարափուլի գլխին նրանից շատ կա։ Դուք ներս գնացեք և մարդուն հանգստացրեք, իսկ ես գնամ, տեսնեմ ինչ կարելի է անել։ Քիչ հետո կվերադառնամ․․․

Հենց միայն այն, որ սրանք շշուկով էին խոսում և այն էլ դռան ետևը, Ֆելիմին չհանգստացրեց, այլ, ընդհակառակը, խուճապի մեջ գցեց։

Դեռ նոր էր ծերունի որսորդը գնացել բուժիչ բույսը որոնելու, երբ իռլանդացին դուրս վազեց խրճիթից ավելի աղիողորմ ոռնոցով։

Բավական ժամանակ անցավ, մինչև որ Մորիսին հաջողվեց հանգստացնել իր կաթնեղբորը, համոզելով նրան, թե ոչ մի վտանգ չկա, թեպետ ինքը ամենևին համոզված չէր դրանում։ Շուտով Զեբ Ստումպը երևաց դռան մեջ։ Նրա դեմքի հանգիստ արտահայտությունից դժվար չէր հասկանալ, որ բուժիչ բույսը գտնված է։ Որսորդն իր աջ ձեռքում բռնած ուներ մուգ կանաչ գույնի մի քանի ձվաձև տերև, որոնց վրա խիտ ու համաչափ սուր-սուր փշեր էին ցցված։

Մորիսը ճանաչեց․ դրանք իրեն լավ ծանոթ կակտուս-օրեգանոյի տերևներ էին։

― Մի՛ վախեցիր, միստր Ֆելիմ,― ասաց ծերունի որսորդը շեմքից ներս անցնելով։― Այլևս վախենալու բան չկա․ ես գտել եմ այն բալասանը, որը քո արյան միջից ամբողջ տաքությունը դուրս կքաշի ավելի արագ, քան փետուրը կայրվի կրակի մեջ․․․ Դադարիր ոռնալ, ասում են քեզ։ Դու գետի երկարությամբ քսան մղոնի վրա դեպի վեր ու դեպի վար արթնացրիր բոլոր թռչուններին, գազաններին ու սողուններին։ Եթե այդպես շարունակելու լինես, երևի այստեղ կհավաքվեն բոլոր կոմանչները, իսկ դա հազարոտնուկի հետքից ավելի վատ կլինի․․․ Միստր Ջերալդ, դուք մի փա-թաթան գտեք, մինչև որ ես այս բույսը պատրաստեմ։

Որսորդը նախ փշերը քերեց դանակով։ Հետո տերևի կեղևը քերթելով, կակտուսը կտրտեց բարակ շերտերով, նրանցով ծածկեց Ֆելիմի մարմնի բորբոքված տեղը, որից հետո փաթաթեց մուստանգերի պատրաստած մաքուր շորով։

Կակտուսը արագորեն իր ներգործությունն ունեցավ․ նրա հյութը լավ հակաթույն էր։ Եվ Ֆելիմը, համոզվելով, որ վտանգն անցել է, հանգստացավ և շուտով խոր քուն մտավ։ Հազարոտնուկը գտնելու անհաջող փորձից հետո ինքնուս բժիշկն էլ վերադարձավ իր մարգագետինը և այս անգամ արդեն հանգիստ քնեց մինչ առավոտ։

Լուսածեգին երեքն էլ ոտքի վրա էին։ Խորոված հնդկահավի մնացորդներով նախաճաշելուց հետո նրանք շտապ սկսեցին ճանապարհ ընկնելու պատրաստություն տեսնել։ Ֆելիմն արդեն բոլորովին լավ էր զգում իրեն և ծերունի որսորդի հետ միասին վայրի ձիերն էր նախապատրաստում պրերիայով քշելու։ Մինչ այդ Մորիսը զբաղված էր իր ձիով և խատուտիկ զամբիկով։ Նա առանձնապես մեծ ուշադրություն էր դարձնում չքնաղ գերու վրա․ խնամքով սանրում էր նրա բաշն ու ագին և փայլփլուն մաշկի վրայից մաքրում էր ցեխի բծերը, համառ հետապնդումի հետքերը, որոնք ցույց էին տալիս, թե որքան դժվար է եղել լասսոն գցել նրա գոռոզ պարանոցը։

― Վերջ տվեք այդ բոլորին,― ասաց Զեբը զարմանքով նայելով մուստանգերին։― Իզուր եք այդքան չարչարվում։ Վուդլի Պոյնդեքստերն այն մարդկանցից չէ, որոնք իրենց խոսքից ետ են կանգնում։ Դուք կստանաք երկու հարյուր դոլարը, հավատացեք ծերունի Զեբ Ստումպին։ Գրողը տանի, ախր այդ ձին իսկապես արժե այդքան։

Մորիսը ոչինչ չպատասխանեց, բայց դատելով այն ժպիտից, որ երևաց նրա բերանի անկյուններում, կարելի էր կարծել, որ Զեբ Ստումպն ամենևին չի հասկացել, թե ինչ պատճառով է նա հատուկ ուշադրություն դարձնում խատուտիկ մուստանգի վրա։

Մի ժամ էլ չանցած՝ մուստանգերը ճամփա ընկավ իր աշխետը հեծած, ետևից լասսոյով կապած տանելով խատուտիկ զամբիկը։ Նրա ետևից արագ վարգով վազում էին մյուս մուստանգները, որոնց հսկում էր Ֆելիմը։

Զեբ Ստումպը իր պառավ զամբիկը հեծած՝ հազիվ էր հասնում նրանց։

Բոլորից վերջը փշոտ խոտերի վրայով զգուշությամբ քայլելով անշտապ վազում էր Թարան։ Ոչ ոք չմնաց խրճիթը պահելու։ Միայն ձիու մորթի քաշած դուռը ծածկեցին, որպեսզի պրերիայի չորքոտանի բնակիչները ներս չմտնեն։ Եվ այժմ տնակի շուրջը տիրող լռությունը խախտում էին միայն բուի ճիչը, կատվառյուծի սուր ծղրտոցը և քաղցած շնագայլի թախծալի ոռնոցը։

Գլուխ IX․ Սահմանագլխի ամրոցը

Ինջ ամրոցի բարձր դրոշաձողի վրա ծածանվում է աստղազարդ դրոշակը։ Նա երերուն ստվեր է գցում յուրահատուկ ու զարմանալի մի տեսարանի վրա։

Դա իսկական սահմանային կյանքի մի պատկեր է, որը թերևս ճշմարտացի տալ կարող էր միայն Վերնե Կրտսերի վրձինը՝ կիսազինվորական, կիսաքաղաքացիական, կիսով չափ վայրի, կիսով չափ քաղաքակիրթ մի կյանք։ Այստեղ կարելի է տեսնել տարբեր գույնի մաշկ ունեցող մարդիկ՝ բազմապիսի հագուստներով, տարբեր զբաղմունքի տեր և հասարակության մեջ տարբեր դիրք գրավող մարդիկ։

Ամրոցն ինքն էլ նույնքան արտասովոր տեսք ունի։ Աստղազարդ դրոշակը ատամնավոր պարիսպների բաստիոնների վրա չի ծածանվում, այն իր ստվերը կազեմատների ու գաղտնի մուտքերի վրա չի գցում․ այստեղ չկան ո՛չ խրամատներ, ո՛չ էլ հողապատնեշներ, ոչ մի բան, որ կարող էր ամրոց հիշեցնել։ Դա պարզապես ալգարբո ծառի բներից կազմված մի ցցապատնեշ է, որի ներսում է գտնվում մի ծածկ՝ երկու հարյուր ձիերի մի ախոռ։ Դրա սահմաններից դուրս գտնվում են հասարակ ճարտարապետությամբ կառուցված մի տասնյակ շենք՝ դալար ճյուղերից հյուսված և կավացեխով սվաղված պատերով սովորական խրճիթներ։ Նրանցից ամենամեծը զորանոցն է։ Մի քիչ այն կողմ գտնվում են հիվանդանոցն ու պահեստները, մի կողմում պահականոցն է, մյուսում՝ ավելի աչքի ընկնող տեղում, սպայական սեղանատունը և բնակարանները։ Ամեն ինչ շատ հասարակ է․ սվաղված պատերը սպիտակեցված են կրով, որով շատ հարուստ են Լեոնա գետի ափերը։ Ամեն ինչ մաքուր է ու դուրեկան, ինչպես վայել է մի ամրոցի, որի մեջ զինվորականները մի մեծ քաղաքակիրթ ազգի համազգեստ են կրում։ Այսպիսին է Ինջ ամրոցը։

Քիչ հեռու երևում է շենքերի մի ուրիշ խումբ, որն ավելի մեծ չէ, քան ամրոց կոչվածը։ Այս տներն էլ գտնվում են ամերիկյան դրոշակի հովանու ներքո։ Թեև սրանց գլխին անմիջականորեն դրոշակ չի ծածանվում, բայց իրենց երևան գալով ու գոյությամբ նրան են պարտական։ Սա սաղմն է այն ավաններից մեկի, որոնք սովորաբար երևան են գալիս ամերիկյան զինվորական կետերի մոտ, արագ զարգանում են և շատ դեպքերում դառնում փոքրիկ քաղաքներ, իսկ երբեմն էլ խոշոր քաղաքներ։

Ներկայումս ավանի բնակչությունն են կազմում՝ մարկիտանտը, որի պահեստում կան այնպիսի պաշարներ, որոնք զինվորական մթերափայերի մեջ չեն մտնում, հյուրանոցի ու պանդոկի տերը, որը պարապ-սարապ մարդկանց հրապուրում է դարակներին շարած իր շշերով, մի խումբ պրոֆեսիոնալ խաղամոլներ, որոնք փարավոնի և մոնթի[26] օգնությամբ մաքրազարդում են տեղական կայազորի սպաների գրպանները, կասկածելի համբավի տեր մի երկու տասնյակ սևաչյա օրիորդներ, նույնքան էլ որսորդներ, կառապաններ, մուստանգերներ և ընդհանրապես որոշակի զբաղմունք չունեցող մարդիկ, որոնք սովորաբար ամեն մի երկրում թրև են գալիս զինվորական ճամբարների շուրջը։

Այդ փոքրիկ ավանի տները կառուցված են որոշ կարգով։ Ըստ երևույթին դրանք բոլոր էլ մի մարդու սեփականություն են։ Նրանք կանգնած են մի «հրապարակի» շուրջ, որտեղ լապտերների ու արձանի փոխարեն տրորված խոտի վրա ցցված են մի չորացող նոճու բուն և մի քանի թուփ։

Լեոնա գետն այստեղ համարյա դեռ մի առվակ է։ Նա հոսում է ամրոցի ու ավանի ետևով։ Առջևում փռված է մի հարթություն, որը ծածկված է զմրուխտ կանալով և հեռվում եզերված է անտառի ավելի մուգ շերտով։ Այստեղ հզոր կաղնիները, ընկուզենիները, կնձենիները իրենց գոյության համար պայքարում են փշփշոտ կակտուսի և բազմաթիվ ու բազմապիսի պարազիտ բույսերի դեմ, որոնք համարյա անհայտ են բուսաբանին։ Դեպի հարավ ու արևելք գետի ափին ցրված են ագարակատերերի տները։ Դրանցից մի քանիսը վերջերս են կառուցված և որևէ ոճի հավակնություն չունեն, ուրիշներն ավելի նուրբ ոճով են կառուցված, և, ըստ երևույթին, արդեն պատկառելի տարիք ունեն։ Այդ տներից մեկն առանձնապես ուշադրություն է գրավում։ Պատկերացրեք ձեզ մի մեծ շենք՝ տափակ կտուրով և ատամնավոր ցանկապատով։ Սպիտակ պատերը խիստ աչքի են ընկնում անտառի կանաչ ֆոնի վրա, որը տունը շրջապատում է երեք կողմից։ Դա Կասա դել Կորվո հասիենդան[27] է։

Դուք շուռ եք գալիս դեպի հյուսիս և անսպասելիորեն ձեր առաջ տեսնում եք միայնակ կանգնած կոնաձև մի սար։ Նա հարթության վրա վեր է խոյանում մի քանի հարյուր ոտնաչափ բարձրությամբ։ Նրա ետևը, մշուշապատ հեռվում երևում է Գվադալուպյան լեռների կոտրտված գծագրությունը, մի լեռնաշղթա, որը պսակում է Լյանո Էստակադո բարձր, համարյա չհետազոտված սարահարթը։

Նայեցեք ավելի վեր և դուք կտեսնեք կիսաշափյուղյա-կիսափիրուզյա երկինքը։ Ցերեկը այդ երկինքը բոլորվին ջինջ է ու անամպ, և միայն արեգակի ոսկե գունդն է շողում նրա վրա։ Գիշերն այնտեղ ցրված են անհամար աստղեր, որոնք ասես մաքուր պողպատից լինեն կոփված, իսկ լուսնի պարզ գծագրված սկավառակն այստեղ կարծես արծաթից լինի։

Ներքև նայեցեք այն պահին, երբ արդեն լուսինն ու աստղերը չքացել են, երբ ծաղիկների բուրմունքով հագեցած զեփյուռը փչում է Մատահորդի ծոցից, զարնվում աստղազարդ դրոշակին ու ծավալվում այն վաղորդյան լույսի տակ․ ներքև նայեցեք և դուք կտեսնեք մի պատկեր, որն այնքան վառ է ու պայծառ, այնքան հարուստ է բազմապիսի ուրվագծերով, գույներով ու հագուստներով, որ անկարելի է նկարագրել։

Դուք կտեսնեք զինվորականների՝ Միացյալ նահանգների հետևազորի երկնագույն համազգեստը, դրագունների կապույտ բաճկոնները, հեծյալ հրաձիգների բաց կանաչավուն համազգեստը։ Լրիվ զգեստավորված դուք կտեսնեք միայն հերթապահ սպաներին, պահակապետին և իրենց՝ պահակներին։ Նրանց ընկերները, օգտվելով ազատ ժամանակից, ֆլանելե կարմիր վերնաշապիկներով, փափուկ գլխարկներով ու չմաքրված սապոգներով թափառում են զորանոցի մոտ կամ ախոռածածկի տակ։

Նրանք շատախոսում են այնպիսի մարդկանց հետ, որոնք ամենևին զինվորականի պես չեն հագնված։ Դրանք բարձրահասակ որսորդներ են եղջերուի մորթուց կարված լայն հագուստով ու նույնպիսի սռնապաններով, նախրապաններ, մուստանգերներ և մեքսիկական հագուստներով իսկական մեքսիկացիներ են լայն շալվարներով, սերապեն ուսներին գցած, կոշիկներին՝ հսկայական խթաններ, սև, փայլուն, լայնեզր գլխարկը՝ սոմբրերոն անփութորեն թեք դրած գլխներին։ Նրանք խոսում են հնդկացիների հետ, որոնք ամրոց են եկել առևտրական գործերով կամ խաղաղ բանակցությունների համար։ Ոչ հեռու երևում են նրանց վրանները։ Հնդկացիների կերպարանքները՝ կարմիր, կանաչ ու կապույտ տանու շալերն ուսերին գցած՝ արտասովոր գունագեղ են ու համարյա դասական գեղեցկություն ունեն։ Նույնիսկ այն անհեթեթ նախշերը, որոնցով նրանք այլանդակել են իրենց մաշկը և կեղտից իրար կպած երկար սև մազերը, որոնք է՛լ ավելի են երկարացված ձիու մազի հյուսերով, չեն կարող փչացնել այդ շեշտված գեղեցկությունը։

Երևակայեցեք ձեզ մարդկանց այդ խայտաբղետ ամբոխը՝ պես-պես հագուստներով, որոնք ցույց են տալիս նրանց տերերի ազգությունը, զբաղմունքն ու դիրքը։ Դրան ավելացրեք նաև Եթովպիայի սևամորթ զավակներին, որոնք սպաների հեծյալ սպասավորներն են կամ հարևան ագարակատիրոջ ծառաները․ պատկերացրեք, թե ինչպես նրանք խումբ-խումբ կանգնած շատախոսում են իրար հետ կամ շրջում են դաշտում, ֆուրգոնների արանքներում։ Երևակայեցեք մի զույգ ծանր հրանոթ անիվների վրա դրված, կողքին ռազմանյութ բարձած սայլակներ, մեկ-երկու սպիտակ վրան, որ զբաղեցնում են սպաները, որոնք օրիգինալության համար գերադասում են պարուսինե ծածկի տակ քնել, պա-հակների հրացանները, որոնցից բուրգեր են կազմված։ Պատկերացրեք այս ամենը, և ձեր աչքին կերևա այն զինվորական ամրոցի ճշմարիտ պատկերը, որը գտնվում է Տեխասի սահմանագլխին, քաղաքակրթության ամենահեռու ծայրամասում։

*  *  *



Մոտ մեկ շաբաթ անց այն օրից, ինչ ագարակատեր Պոյնդեքստերը Լուիզիանայից տեղափոխվել էր իր նոր տունը, Ինջ ամրոցի առջևը գտնվող հրապարակում երեք սպա կանգնած նայում էին Կասա դել Կորվո հասիենդայի կողմը։

Նրանք բոլորն էլ երիտասարդ էին․ ամենաավագը երեսուն տարեկանից ավելի չէր լինի։ Երկու ուղղանկյուններով ուսադիրները ցույց էին տալիս մեկի կապիտանի աստիճանը, երկրորդը, որ ուսադիրներին մեկ ուղղանկյունի ուներ, ավագ լեյտենանտ էր, իսկ երրորդը, դատելով նրա դատարկ ուսադիրներից, ըստ երևույթին կրտսեր լեյտենանտ էր։

Այդ պահին նրանք հերթապահությունից ազատ էին և իրար հետ խոսում էին Կասա դել Կորվոյի նոր տերերի մասին՝ Լուիզիանայից եկած ագարակատիրոջ և նրա ընտանիքի մասին։

― Երևում է, խնջույք են սարքելու նոր բնակարան փոխադրվելու առթիվ,― ասաց հետևազորի կապիտանը՝ նկատի ունենալով այն հրավերը, որ ստացել էին կայազորի բոլոր սպաները։ Սկզբում ճաշ, հետո՝ պարեր։ Փառավոր իրադարձություն։ Երևի մենք այնտեղ կհանդիպենք տեղացի բոլոր արիստոկրատներին ու գեղեցկուհիներին։

― Արիստոկրատնե՞ր,― ծիծաղելով արձագանքեց դրագունական գնդի լեյտենանտը։― Չեմ կարծում, թե այստեղ շատ արիստոկրատներ լինեն, իսկ գեղեցկուհիները երևի ավելի քիչ են։ ― Դուք սխալվում եք, Հենկոկ։ Լեոնայի ափերին կարելի է գտնել և՛ մեկը, և՛ մյուսը։ Միացյալ նահանգներից այստեղ են փոխադրվել հասարակության մեջ մեծ կշիռ ունեցող մարդիկ։ Պոյնդեքստերի մոտ մենք կհանդիպենք նրանց, ես չեմ կասկածում։ Իսկ ինչ վերաբերում է արիստոկրատիզմին, ապա մի անհանգստացեք․ հենց տանտերն ինքը այնքան շատ է օժտված դրանով, որ լրիվ կբավականացնի բոլոր հյուրերին։ Իսկ ինչ վերաբերում է գեղեցկուհիներին, գրազ եմ գալիս, որ նրա դուստրը Սաբինաս գետի այս կողմը եղած բոլոր օրիորդներից ամենա-լավն է։ Ինտենդանտի ազգականուհին երևի ստիպված է լինելու առաջին գեղեցկուհու տեղը նրան զիջել։

― Է՜հ․․․― արտահայտիչ ձևով ծոր տվեց հրաձիգ գնդի լեյտենանտը․ նրա տոնից կարելի էր հասկանալ, որ այդ խոսքերը նրա սրտին դիպան։― Նշանակում է, օրիորդ Պոյնդեքստերն անասելի լավը պիտի լինի։

― Նա անչափ լավիկն է, եթե միայն չի վատացել այն օրից, ինչ ես վերջին անգամ տեսել եմ նրան Լաֆուրշի պարահանդեսում։ Այնտեղ կային մի քանի երիտասարդ կրեոլներ, որոնք ջանում էին նրա ուշադրությանն արժանանալ, և քիչ էր մնում գործը մենամարտի հասներ։

― Պճնամոլի մե՞կն է երևի,― ասաց հրաձիգը։

― Ամենևին, Կրոսմեն։ Հավատացնում եմ ձեզ ընդհակառակը։ Նա խելացի աղջիկ է և անպարկեշտ վերաբերմունք չի սիրում։ Ժառանգել է իր հոր հպարտությունը։ Դա Պոյնդեքստերների տոհմական հատկությունն է։

― Դա հո իսկ և իսկ իմ ճաշակի աղջիկ է,― կատակով վրա բերեց երիտասարդ դրագունը,― և եթե այնքան գեղեցիկ է, ինչպես դուք ասում եք, կապիտան Սլոումեն, ապա ուրեմն ես երևի կսիրահարվեմ նրան։ Իմ սիրտը, փառք Աստծու, ազատ է, ես այն չեմ, ինչ Կրոսմենը։

― Լսեցեք, Հենկոկ,― պատասխանեց հետևակային սպան, որ մի գործնական մարդ էր,― ես գրազ գալ չեմ սիրում, բայց պատրաստ եմ ուզածդ գումարով գրազ գալու, որ Լուիզա Պոյնդեքստերին տեսնելուց հետո դուք այլևս այդ տոնով չեք խոսի, եթե, իհարկե, անկեղծ լինեք։

― Դուք, խնդրեմ, իմ մասին մի՛ անհանգստացեք, Սլոումեն։ Ես շատ հաճախ եմ եղել գեղեցիկ աչքերի կրակի տակ, ուստի այնքան էլ շատ չեմ վախենում դրանից։

― Բայց ո՛չ այնպիսի չքնաղ աչքերի։

― Գրողը տանի, դուք մարդու կստիպեք սիրահարվել մի աղջկա նույնիսկ առանց նրա երեսը տեսնելու։ Ձեր ասելուց դուրս է գալիս, որ նա հազվագյուտ գեղեցկուհի է։

― Այո՛, չեք սխալվում։ Նա այդպիսին էր, երբ վերջին անգամ տեսա նրան։

― Իսկ վաղո՞ւց է եղել այդ։

― Լաֆուրշի տան պարահանդե՞սը։ Սպասեք հիշեմ․․․ Մեկուկես տարի առաջ։ Մեր՝ Մեքսիկայից վերադառնալուց շատ չանցած։ Այն ժամանակ նա նոր էր սկսել տանից դուրս գալ։ Նրա մասին ասում էին՝ «Երևացել է մի նոր աստղ, որ ծնվել է աշխարհի ու փառքի համար»։

― Մեկուկես տարին բավական երկար ժամանակ է,― նկատեց Կրոսմենը։― Երկար ժամանակ է աղջկա համար, մանավանդ կրեոլուհու, չէ՞ որ նրանց հաճախ մարդու են տալիս տասներկու տարեկանում, փոխանակ տասնվեցի։ Նրա գեղեցկությունն արդեն կարող է կորցրած լինել իր թարմությունը։

― Ամենևին։ Ես կարող էի ստուգելու համար մի րոպեով անցնել նրանց մոտ, բայց կարծում եմ հիմա զբաղված կլինեն տնտեսական գործերով և հյուր ընդունելու ժամանակ չեն ունենա։ Ասենք, մոտ օրերս մայորը եղել է նրանց մոտ և նա այնքան շատ էր խոսում միսս Պոյնդեքստերի գեղեցկության մասին, որ քիչ մնաց իր կնոջ հետ պիտի կռիվ բացվեր։

― Երդվում եմ պատվովս,― գոչեց դրագունը,― դուք այնպես գրգռեցիք ինձ, որ ես կարծես թե արդեն համարյա սիրահարված եմ նրան։

― Նախքան դուք վերջնականապես կսիրահարվեք,― լուրջ տոնով ասաց հետևակային սպան,― ես պետք է ձեզ զգուշացնեմ, որ վարդի շուրջը փչեր կան, այլ խոսքով ասած՝ այդ ընտանիքում կա մի մարդ, որը կարող է ձեզ անախորժություններ պատճառել։

― Եղբա՞յրն է երևի։ Սովորաբար եղբայրների մասին են այդպես ասում։

― Նա եղբայր ունի, բայց խոսքս նրա մասին չէ։ Եղբայրը մի հիանալի, ազնիվ պատանի է, միակը Պոյնդեքստերների մեջ, որի սիրտը չի կրծում գոռոզության որդը։

― Ուրեմն, նրա արիստոկրատ հա՞յրն է։ Չեմ կարծում, թե նա հրաժարվի Հենկոկների հետ նույն հարկի տակ ապրել։

― Ես դրանում համոզված չեմ․․․ Մի՛ մոռացեք, որ Հենկոկները յանկի են, իսկ ագարակատերը՝ ազնվածին և հարավցի։ Բայց իմ խոսրը ծերունի Պոյնդեքստերին չի վերաբերում։

― Ո՞վ է, ուրեմն, այդ առեղծվածային անձնավորությունը։

― Նրա հորաքրոջ որդին՝ Կասսի Կոլհաունը, շատ անհաճո մի անձնավորություն։

― Ես պետք է, որ լսած լինեմ այդ անունը։

― Ես նույնպես,― ասաց կրտսեր լեյտենանտը։

― Նրա անունը լսել է ամեն ոք, ով այսպես թե այնպես խառն է եղել մեքսիկական պատերազմին, այսինքն, ով մասնակցել է Սքոտի արշավանքին։ Կասսի Կոլհաունն իր մասին լավ հիշողություն չի թողել։ Նա Միսսիսիպիի նահանգի ծնունդ է և պատերազմի ժամանակ կապիտան էր միսսիսիպյան կամավորների գնդում։ Միայն թե ավելի շատ նրան տեսնում էին թիկունքում, թղթախաղի սեղանի մոտ նստած, քան թե զորանոցներում։ Նրա հետ կապված են մեկ-երկու գործ, որոնք նրան կռվարարի համբավ են տվել։ Բայց այդ համբավը նա վաստակել է դեռ մեքսիկական պատերազմից էլ առաջ։ Նոր Օռլեանում նա վտանգավոր մարդու համբավ ուներ։

― Է՛հ, ի՛նչ կա որ,― հարցրեց երիտասարդ դրագունը, որի ձայնի մեջ մի որոշ թերահավատություն էր հնչում։― Ո՞ւմ ինչ գործն է, թե միստր Կասսի Կոլհաունը վտանգավոր մարդ է, թե անվնաս։ Ինձ, ճիշտն ասած, այդ ամենևին չի հետաքրքրում։ Չէ՞ որ դուք ասում եք, որ նա ընդամենը այդ աղջկա հորաքրոջ որդին է։

― Այնքան էլ այդպես չէ․․․ Ինձ թվում է, որ նա անտարբեր չէ այդ աղջկա նկատմամբ։

― Եվ փոխադարձ համակրա՞նք է վայելում։

― Այդ արդեն չգիտեմ։ Բայց, ըստ երևույթին, աղջկա հայրը սիրում է Կոլհաունին։ Եվ նույնիսկ ճիշտ է՝ խիստ գաղտնի, ինձ բացատրել են այդ համակրանքի պատճառը։ Դա մի սովորական պատմություն է, դրամական կախում։ Պոյնդեքստերն արդեն այլևս այն հարուստը չէ, ինչ առաջ էր, հակառակ դեպքում մենք երբեք նրան այստեղ չէինք տեսնի։

― Եթե նրա դուստրն այդքան հմայիչ է, ինչպես ասում եք դուք, ապա պետք է կարծել, որ Կասսի Կոլհաունը նույնպես շուտով կերևա այստեղ։

― «Շուտո՜վ»։ Ա՞յդ է միայն հայտնի ձեզ։ Նա արդեն այստեղ է։ Նա եկել է ամբողջ ընտանիքի հետ և հիմա էլ ապրում է նրանց հետ։ Ոմանք ենթադրում են, որ նրանք միասին են գնել ագարակը։ Այս առավոտ ես նրան տեսա հյուրանոցի պանդոկում։ Նա խմում էր, բոլորին կպչում ու պարծենում ինչպես միշտ։

― Նա մոտ երեսուն տարեկա՞ն է, դեմքը թուխ, մազերն ու բեղերը մուգ, կապույտ մահուդե կիսազինվորական բաճկոն է հագնում, գոտին խրած ունի Կոլտ սիստեմի մի ատրճանակ, այդպես չէ՞։

― Այո՛, այո՛։ Եվ մեկ էլ մի կեռ դանակ ունի սերթուկի տակ։ Հենց դա է, որ կա։

― Բավական տհաճ տեսքով մարդ է,― ասաց հրաձիգը,― և եթե այդպիսի պարծենկոտն ու կռվարարն է, ապա իր արտաքինը չի խաբում։

― Գրողի ծո՛ցը գնա նրա արտաքինը,― վրդովմունքով գոչեց դրագունը։― Քեռի Սեմի բանակի սպաներին հազիվ թե վայել է վախենալ արտաքին տեսքից։ Եվ հենց ամենակռվարարից նույնպես։ Եթե նրա մտքովն անցնի դիպչել ինձ, ապա կիմանա, որ ես ավելի արագ կրակել գիտեմ, քան ինքը․․․

Հենց այդ պահին եղջերափողը առավոտյան զորատես ազդարարեց, մի արարողություն, որ այդ փոքրիկ ամրոցում կատարվում էր նույնքան խստությամբ, ինչպես եթե ներկա լիներ մի ամբողջ զորաբանակ։ Եվ երեք սպաները ցրվեցին յուրաքանչյուրն իր զորամասը՝ պատրաստվելու զորատեսին, որ կատարում էր ամրոցի հրամանատար մայորը։

Գլուխ X․ Կասա դել Կորվո

Կասա դել Կորվո կալվածքը կամ հասիենդան Լեոնա գետի անտառապատ ափով փռված էր ավելի քան երեք մղոն երկարությամբ և մի վեց մղոնի չափ ձգվում էր դեպի հարավ, պրերիայի կողմը։

Կալվածատիրոջ տունը, որ սովորաբար, թեպետև սխալ, նույնպես կոչվում էր հասիենդա, գտնվում էր Ինջ ամրոցից թնդանոթի կրակոցի հեռավորությամբ, և ամրոցից երևում էր նրա սպիտակ պատերի մի մասը միայն։ Հասիենդայի մնացած մասը ծածկում էին գետի ափը եզերող բարձր ծառերը։

Հասիենդայի տեղադրությունն արտասովոր էր, և անտարակույս, ընտրված էր պաշտպանական նկատառումներով, որովհետև այն ժամանակներում, երբ տան հիմքն էր դրվում, գաղթականները երկյուղ էին կրում հնդկացիների ասպատակություններից։ Ասենք՝ այդ վտանգը հիմա էլ սպառնում է նրանց։

Գետն այստեղ կտրուկ ոլորան է կազմում պայտի կամ շրջագծի երեք քառորդի ձևով, որի լարագծի, կամ, ավելի ճիշտ՝ զուգահեռագծի վրա էլ կառուցված է հասիենդան։

Այստեղից էլ նա ստացել է «Կասա դել Կորվո» անունը, որ նշանակում է «Տուն՝ ոլորանի վրա»։

Տան ճակատը դարձած է պրերիայի կողմը, որը նրա առաջ փռվում է մինչև հեռու հորիզոնը։ Այս շքեղատես մարգագետնի համեմատությամբ արքայական պուրակը չնչին բան կթվա։

Կասա դել Կորվոյի, ինչպես և Մեքսիկայի մյուս խոշոր կալվածատերերի ճարտարապետությունը կարելի է մավրիտանա-մեքսիկական համարել։

Տունը միահարկ է, տափակ կտուրով, ազոտեայով, որը եզերված է ճաղաշարով։ Ներքին մասում գտնվում է սալահատակած բակը, որտեղ կա մի շատրվան և դեպի կտուրը տանող սանդուղք։ Ամրակուռ է գլխավոր մուտքի փայտյա դարբասը։ Դարբասի երկու կողմում կան երկու-երեք լուսամուտ՝ պաշտպանված երկաթյա վանդակով։ Սրանք են․ մեքսիկական հասիենդայի բնորոշ առանձնահատկությունները։ Կասա դել Կորվոն շատ քիչ է տարբերվում այս տիպի հնամենի շենքերից, որոնք ցրված են իսպանական Ամերիկայի ամբողջ վիթխարի տարածության վրա։

Այսպիսին էր այն կալվածատունը, որ վերջերս ձեռք էր բերել Լուիզիանայից եկած ագարակատերը։

Մինչև այժմ ոչ մի փոփոխություն չէր եղել ո՛չ նրա արտաքին տեսքում, ո՛չ ներսում, եթե չխոսենք նրա բնակիչների մասին։ Կիսաանգլոսաքսոնական, կիսաֆրանսաամերիկյան դեմքեր են երևում միջանցքում ու բակում, որտեղ առաջ կարելի էր հանդիպել միայն զտարյուն իսպանացիների։ Իսկ անդալուզիական հարուստ, հնչեղ լեզվի փոխարեն այժմ այստեղ հնչում է կիսատևտոնական սուր կոկորդային լեզուն և երբեմն միայն՝ կրեոլ-ֆրանսիական երաժշտական խոսքը։

Ցանկապատի ներսում, արմավաշուշանի տերևներով ծածկված հյուղերում, որտեղ առաջ պեոններ[28] էին ապրում, ավելի նկատելի փոփոխություններ են եղել։

Այնտեղ, որտեղ բարձրահասակ, նիհար վակերոն[29] սև, փայլուն, լայնեզր գլխարկը գլխին, վանդականախշ սերապեն ուսերին գցած, խթանները զնգացնելով հպարտ-հպարտ քայլում էր պրերիայում, այժմ ման է գալիս ամբարտավան վերակացուն՝ կապույտ բաճկոնը կամ թիկնոցը հագին, ամեն անկյունում իր մտրակը շրխկացնելով։ Այնտեղ, որտեղ ացտեկների[30] կարմրամորթ հետնորդները ոչխարի մորթով իրենց մերկությունը ծածկած, տխուր-տրտում թափառում էին խրճիթների շուրջը, այժմ Եթովպիայի սևամորթ ուստրերն ու դուստրերն են առավոտից մինչև երեկո շատախոսում, երգում ու պարում, ասես հերքելով այն դատողությունը, թե ստրկությունը դժբախտություն է։

Արդյոք դեպի լա՞վն է տարել Կասա դել Կորվոյում ագարակներում տեղի ունեցած այս փոփոխությունը։

Կար ժամանակ, երբ անգլիացիները այս հարցին միաբերան ու ջերմորեն կպատասխանեին՝ «ոչ», կասկած չառաջացնելով իրենց խոսքի անկեղծության նկատմամբ։

O՜, մարդկային թուլություն ու կեղծավորություն։ Պարզվեց, որ ստրուկների նկատմամբ ցուցաբերած մեր այնքա՜ն երկար փայփայած համակրանքը սոսկ կեղծավորություն է եղել։

Ենթարկվելով օլիգարխիային[31],― ո՛չ մեր երկրի հին արիստոկրատիային, որովհետև արիստոկրատիան չէր կարող այդպիսի նենգություն ցուցաբերել, այլ բուրժուական գործարարների օլիգարխիային, որոնք երկրում իշխանության գլուխ են անցել,― ենթարկվելով ժողովրդի իրավունքների դեմ այդ մոլի դավադիրներին՝ Անգլիան դավաճանել է այնքան բարձրադղորդ հռչակած իր սկզբունքին, խախտել է այն վստահությունը, որ բոլոր ազգերը տածում էին նրա նկատմամբ[32]։

*  *  *



Բոլորովին այլ բան էր մտածում Լուիզա Պոյնդեքստերը, երբ մտախոհ ընկղմվեց բազկաթոռի մեջ, հայելու առաջ և սպասուհի Ֆլորինդային պատվիրեց հագցնել իր զգեստը, սանրել մազերը հյուրերին ընդունելու համար։

Մոտավորապես մեկ ժամ էր մնացել մինչև ճաշկերույթը, որ կազմակերպել էր Պոյնդեքստերը նոր բնակարան փոխադրվելու առթիվ։ Արդյոք դրանով չպե՞տք է բացատրվեր դեռատի կրեոլուհու մի որոշ անհանգիստ վիճակը։ Բայց Ֆլորինդան դրա համար ուներ իր բացատրությունը, որ վկայում է նրանց միջև տեղի ունեցած խոսակցությունը։

Ասենք՝ հազիվ թե կարելի է դա խոսակցություն անվանել։ Պարզապես Լուիզան մտածում էր բարձրաձայն, իսկ սպասուհին արձագանքում էր նրան։ Իր ամբողջ կյանքի ընթացքում դեռատի կրեոլուհին վարժվել էր ստրկուհուն համարել ոչ թե մարդ, այլ առարկա, որից կարելի էր չթաքցնել իր մտքերը, ինչպես աթոռից, սեղանից, բազմոցից և իր սենյակի մյուս կարասիներից։ Տարբերությունը միայն այն էր, որ Ֆլորինդան, այնուամենայնիվ, կենդանի էակ էր և կարող էր հարցերին պատասխան տալ։

Սենյակ մտնելուց հետո մի տասը րոպե Ֆլորինդան անդադրում շատախոսում էր զանազան դատարկ բաների մասին, և Լուիզայի մասնակցությունն այդ խոսակցությանը սահմանափակվում էր միայն հատ ու կենտ դիտողություններով։

― O՜, միսս Լուի,― ասում էր նեգրուհին՝ քնքշորեն սանրելով իր ջահել տիրուհու փարթամ մազերը,― ի՜նչ հիանալի մազեր ունեք դուք։ Ասես իսպանական փափուկ մամուռ լինի, որ կախվում է նոճիներից։ Միայն թե ձեր մազերն ուրիշ գույնի են և փայլում են շաքարահյութի պես։

Լուիզա Պոյնդեքստերը, ինչպես արդեն ասել ենք, կրեոլուհի էր, ուստի և հազիվ թե հարկ կա ասելու, որ նրա մազերը թուխ էին և փարթամ իսպանական մամուռի պես, ինչպես միամտաբար, բայց արտահայտիչ ձևով ասաց նեգրուհին։ Բայց դրանք սև չէին։ Դա այն մուգ շագանակագույնն էր, որ երբեմն ունենում են կրիաները կամ ձմեռը բռնված սամույրները։

― Ա՜խ,― շարունակեց Ֆլորինդան ձեռքն առնելով մազերի ծանր հյուսը, որի շագանակի գույնն ավելի էր շեշտվում նրա սև թաթի մեջ,― եթե ես ձեր այս հիանալի մազերն ունենայի իմ այս ոչխարի բրդի փոխարեն, նրանք բոլորն էլ իմ ոտքերը կընկնեին։

― Ինչ՞ մասին ես խոսում,― հարցրեց դեռատի կրեոլուհին, ասես ուշքի գալով իր երազանքներից։― Ինչ ասացի՞ր։ Ոտքերդ կընկնեի՞ն։ Ովքե՞ր։

― Դե, ըհը՛։ Մի՞թե միսսը չի հասկանում, թե ես ինչ եմ ասում։

― Ճշմարիտ՝ չեմ հասկանում։

― Ես նրանց կստիպեի սիրել ինձ։ Ա՛յ թե ինչ։

― Բայց ո՞ւմ։

― Բոլոր սպիտակամորթ ջենտլմեններին։ Երիտասարդ ագարակատերերին, ամրոցի սպաներին, բոլորին, բոլորին։ Ձեր մազերն ունենանայի, միսս Լուի, ես բոլորին կնվաճեի։

― Հա՛-հա՛-հա՛,― ծիծաղեց Լուիզան երևակայելով, թե ինչ տեսք կունենար Ֆլորինդան իր մազերով։― Դու կարծում ես, որ ոչ մի տղամարդ քո հրապուրանքին չէ՞ր դիմանա, եթե իմ մազերը քոնը լինեին։

― Ո՛չ, միսս, ոչ միայն ձեր մազերը, այլև ձեր չքնաղ դեմքը, ձեր մորթը, որ սպիտակ է ալաբաստրի պես, ձեր վայելչատես կազմվածքը և ձեր աչքերը․․․ Օ՜, միսս Լուի, դուք այնքա՜ն գեղեցիկ եք։ Ես լսել եմ, թե ինչ էին ասում սպիտակ ջենտլմենները։ Բայց ես կարիք էլ չունեմ լսելու, թե ինչ են ասում նրանք։ Ես ինքս եմ տեսնում։

― Դու շողոքորթել ես սովորել, Ֆլորինդա։

― Ամենևին, միսս, ի՜նչ եք ասում։ Այստեղ շողոքորթության ոչ մի խոսք չկա, ո՛չ մի խոսք։ Երդվում եմ։ Երդվում եմ առաքյալների անունով։

Ով որ թեկուզ մեկ անգամ նայեր Լուիզային, նրան հարկավոր չէին նեգրուհու երդումները, հավատալու համար նրա խոսքերի անկեղծությանը, որքան էլ խանդավառ լինեին դրանք։

Ասել, որ Լուիզա Պոյնդեքստերը չքնաղ աղջիկ էր, այդ կնշանակեր միայն հաստատել շրջապատի հասարակության ընդհանուր կարծիքը։ Լուիզա Պոյնդեքստերի գեղեցկությունն առաջին իսկ հայացքից զարմացնում էր բոլորին, բայց դժվար է խոսքեր գտնել նրա մասին պատկերացում տալու համար։ Գրիչը չի կարող նկարագրել նրա դեմքի հմայքը։ Նույնիսկ վրձինը նրա դեմքի սոսկ թույլ պատկերացումը կտար, և ոչ մի նկարիչ չէր կարող մեռյալ քաթանի վրա տալ այն կախարդական լույսը, որ ճառագայթում էին նրա աչքերը, ասես լուսավորելով ամբողջ դեմքը։ Նրա դիմագծերը դասական էին և հիշեցնում էին Ֆիդիասի ու Պրակսիտելի սիրած կանացի գեղեցկության տիպը։ Եվ միևնույն ժամանակ հունական ամբողջ պանթեոնում չկա նրա նման մեկը, որովհետև Լուիզա Պոյնդեքստերի դեմքը Աստվածուհու դեմք չէր, այլ հասարակ մահկանացուների համար շատ ավելի հրապուրիչ կնոջ դեմք։

Ֆլորինդայի խանդավառ հավաստիացումներին աղջիկը պատասխանեց ուրախ ծիծաղով, որի մեջ, սակայն, կասկածի ոչ մի նշույլ չէր զգացվում։ Դեռահաս կրեոլուհին կարիք չուներ, որ իրեն հիշեցնեն իր գեղեցկությունը։ Լուիզան գիտեր, որ ինքը չքնաղ է, և շատ անգամ էր հայացք գցում հայելու վրա, որի առաջ նրան հագցնում ու մազերը սանրում էր սպասուհին։ Նեգրուհու շողոքորթությունը քիչ տպավորություն գործեց, և նա նորից մտքերի մեջ ընկավ։ Ֆլորինդան դրանից չշփոթվեց և չլռեց։ Ըստ երևույթին սպասուհուն տանջում էր մի ինչ-որ գաղտնիք, որ նա ուզում էր իմանալ ինչ գնով էլ լինի։

― Ա՜խ,― շարունակեց նա, ասես ինքն իրեն խոսելով,― եթե Ֆլորինդան ջահել միսսի գեղեցկության գոնե կեսն ունենար, ոչ ոքի վրա չէր նայի ու ոչ ոքի համար չէր հառաչի։

― Հառաչի՞,― կրկնեց Լուիզան նրա խոսքից զարմացած։― Դրանով ի՞նչ ես ուզում ասել։

― Տե՜ր իմ Աստված։ Միսս Լուի, Ֆլորինդան այնքան կույր չէ և այնքան խուլ չէ, ինչպես դուք կարծում եք։ Նա վաղուց է նկատել, որ դուք լուռ նստում եք մի տեղ, ոչ մի խոսք չեք ասում և միայն խոր հառաչում եք։ Առաջ, երբ մենք ապրում էինք Լուիզիանայում, դուք երբեք այդպես չէիք անում։

― Ֆլորինդա, ես վախենում եմ, որ դու խելքդ կորցնում ես, կամ արդեն կորցրել ես Լուիզիանայում։ Երևի այստեղի կլիման վատ է ազդել քեզ վրա։

― Ազնիվ խոսք, միսս Լուի, դուք այդ հարցը ձեզ պետք է տաք։ Չբարկանաք ինձ վրա, որ այսպես պարզ եմ խոսում ձեզ հետ։ Ֆլորինդան ձեր ստրկուհին է և սիրում է ձեզ որպես սևամորթ քույր։ Նա վշտանում է, երբ դուք հառաչում եք։ Դրա համար էլ այսպես է խոսում ձեզ հետ։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում։

― Իհարկե ոչ։ Ինչո՞ւ պետք է բարկանամ քեզ վրա։ Չեմ բարկանում։ Ես հո չասացի, որ բարկանում եմ։ Միայն թե դու սխալվում ես։ Այն, ինչ դու տեսել ու լսել ես, միմիայն քո երևակայությունն է։ Ինչ վերաբերում է հառաչանքներին, ապա ես հառաչելու ժամանակ էլ չունեմ, չէ՞ որ հիմա մոտ հարյուր հյուր պիտի ընդունեմ, և դրանք համարյա բոլորն էլ անծանոթ մարդիկ են։ Նրանց մեջ կլինեն երիտասարդ ագարակատերեր ու սպաներ, որոնց ճանկդ կգցեիր, եթե իմ մազերը քոնը լինեին։ Հա՛-հա՛-հա՛։ Իսկ ես ցանկություն չունեմ հրապուրելու նրանց, ո՛չ մեկին նրանցից։ Այնպես որ դու շուտ սանրիր իմ մազերը։

― O՜, միսս Լուի, ճշմարի՞տ եք ասում,― հարցրեց նեգրուհին անսքող հետաքրքրությամբ։― Դուք ասում եք, որ այդ ջենտլմեններից ոչ մեկը ձեզ դուր չի՞ գալիս։ Բայց չէ՞ որ լինելու են երկու-երեք շատ գեղեցիկները։ Այն երիտասարդ ագարակատերը և այն երկու գեղեցիկ սպաները։ Դուք հո գիտեք, թե ում մասին եմ ասում։ Նրանք բոլորն էլ շատ ուշադիր էին դեպի ձեզ։ Դուք հավատացա՞ծ եք, միսս, որ նրանցից ոչ մեկի համար չեք հառաչում։

― Էլի՞ հառաչելու մասին,― ծիծաղեց Լուիզան։― Բավական է, Ֆլորինդա, մենք ժամանակ ենք կորցնում։ Մի մոռանա, որ այսօր մենք շատ հյուրեր ենք ընդունելու, և ինձ գոնե մի կես ժամ է հարկավոր այդպիսի մեծ ընդունելության պատրաստվելու համար։

― Մի՛ անհանգստացեք, միսս Լուի, մի՛ անհանգստացեք։ Մենք կհասցնենք։ Ձեզ հագցնելը դժվար չէ։ Ինչ շոր էլ հագնեք՝ գեղեցիկ եք։ Եթե նույնիսկ բամբակ հավաքող հասարակ աղջկա շոր հագնեք, էլի առաջին գեղեցկուհին կլինեք։

― Բայց ո՜նց ես դու շողոքորթել սովորել, Ֆլորինդա։ Ես կասկածում եմ, որ դու այդ ամենը իզուր տեղը չես ասում։ Գուցե ուզում ես, որ ես քեզ Պլուտոնի հետ հաշտեցնե՞մ։

― O՜, ոչ, միսս, Պլուտոնն այլևս երբեք իմ մտերիմը չի լինի։ Նա այն-պես վախկոտ դուրս եկավ, երբ փոթորիկը վրա տվեց մեզ այն սև պրերիայում։ Օ՜, միսս Լուի, ի՞նչ պիտի անեինք մենք, եթե մեզ օգնության չհասներ այն աշխետ ձիավոր երիտասարդ ջենտլմենը։

― Եթե նա չլիներ, սիրելի Ֆլորինդա, երևի մեզանից ոչ մեկն այստեղ չէր լինի։

― Օ՜, միսս, բայց ի՜նչ գեղեցիկ տղա էր նա։ Հիշո՞ւմ եք նրա դեմքը։ Նրա թավ մազերը հենց նույն գույնն ունեին, ինչ որ ձերը, միայն մի քիչ գանգուր էին իմինի պես։ Եվ ի՞նչ են նրա մոտ այն երիտասարդ կալվածատերն ու սպաները։ Թեկուզև մեր խափշիկներն ասում են, թե նա պարզապես մի սպիտակամորթ շրջմոլիկ է։ Ի՞նչ կա որ։ Նա այնքա՜ն գեղեցիկ է․ ամեն մի աղջկա կստիպի հառաչել։ Շա՜տ, շա՜տ գեղեցիկ երիտասարդ է։

Մինչև այդ րոպեն դեռատի կրեոլուհին պահպանում էր իր հանգստությունը։ Բայց այժմ այն խախտվեց։ Պատահաբա՞ր էր արդյոք, թե դիտմամբ, բայց Ֆլորինդան դիպել էր իր մատաղահաս տիրուհու ամենանվիրական մտքերին։

Լուիզան չէր ուզում նույնիսկ ստրկուհու առաջ բացել իր գաղտնիքը և ուրախացավ, երբ այդ պահին բակից բարձր ձայներ լսվեցին։ Դա բավական լավ առիթ էր, որպեսզի արագ վերջացնեն պչրանքը, դրա հետ էլ խոսակցությունը, որ Լուիզան շարունակել չէր ուզում։

Գլուխ XI․ Անսպասելի այցելություն

― Է՜յ, խափշի՛կ, որտե՞ղ է քո տերը։

― Մասսա Պոյնդեքստե՞րը, սըր։ Ծերունի՞ն, թե՞ երիտասարդը։

― Իմ ինչի՞ն է պետք երիտասարդը։ Ես հարցնում եմ միստր Պոյնդեքստերի մասին։ Որտե՞ղ է նա։

― Այո՛, այո՛, սըր, նրանք երկուսն էլ տանն են, այսինքն՝ երկուսն էլ տանը չեն, ո՛չ ծերունի տերը, ո՛չ երիտասարդ մաստր Հենրին։ Նրանք ցածումն են, գետակի մոտ, այնտեղ նոր ցանկապատ են շինում։ Այո՛, այո՛, երկուսին էլ դուք այնտեղ կգտնեք։

― Ցածո՞ւմ, գետակի մո՞տ։ Հեռո՞ւ է այստեղից, ինչ ես կարծում։

― Օ՜, սըր, նեգրը կարծում է, որ դա մոտ երեք կամ չորս մղոն կլինի, եթե ոչ ավելի հեռու։ ― Երեք կամ չորս մղո՞ն։ Դու հո բոլորովին հիմարի մեկն ես։ Միստր Պոյնդեքստերի ագարակն այդքան երկարություն ունի՞ որ։ Իսկ նա, որքան ինձ հայտնի է, այն մարդկանցից չէ, որ ուրիշի հողի վրա ցանկապատ շինի։ Ի՛նձ լսիր․ ավելի լավ է ասա, ե՞րբ եք սպասում նրան։ Հուսով եմ, որ դու այդ պետք է իմանաս։

― Նրանք երկուսն էլ շատ շուտ պիտի վերադառնան, և երիտասարդ պարոնը, և ծերը, և մասսա Կոլհաունը նույնպես։ Օ՜, այսօր մեծ տոնախմ-բություն է լինելու այս տանը․ դուք այդ կարող եք հասկանալ հենց խոհանոցի հոտից։ Ի՜նչ ասես, որ այնտեղ չեն պատրաստում այսօր, է՜լ տապակած, է՜լ խաշած ամբողջ-ամբողջ մարմիններ, տեսակ-տեսակ թռչուններ։ Էնպիսի խնջույք է լինելու, ինչպես Լուիզիանայում։ Փառք ու պատիվ մասսա Պոյնդեքստերին։ Այ ծերունի է հա՜, այո՛, այո՛ օտարական։ Ինչ է, ձեզ խնջույքի չե՞ն կանչել, թե՞ դուք իմ տիրոջ բարեկամը չեք։

― Գրողի ծոցը գնաս, խափշի՛կ, մի՞թե դու ինձ չես ճանաչում։ Իսկ ես, ահա, նայում եմ քո սև սփաթին ու ճանաչում եմ քեզ։

― Տե՜ր իմ Աստված։ Մի՞թե սա մասսա Ստումպն է, որ եղջերու և հնդկահավ էր բերում մեր հին ագարակը։ Հենց այդպես էլ կա։ Ճիշտ որ, մասսա Ստումպ, նեգրը հիշում է ձեզ այնպես լավ, ինչպես այդ երեկ եղած լինի։ Կարծեմ մի քանի օր առաջ էլ դուք եղել եք այստեղ, բայց ես տանը չեմ եղել։ Հիմա ես կառապան եմ, այն ծածկակառքն եմ քշում, որով ման է գալիս ագարակի երիտասարդ տիրուհին, գեղեցկուհի Լուն։ Աստված վկա, մասսա, նրանից լավը գտնել չի լինի։ Մարդիկ ասում են, որ Ֆլորինդան նրա եղունգն էլ չարժե․․․ Դե, ոչինչ, մաստր Ստումպ, ավելի լավ է դուք մի քիչ սպասեցեք, ահա, որտեղ որ է մեր ծերունի տերը տանը կլինի։

― Լավ, եթե այդպես է, կսպասեմ,― պատասխանեց որսորդը դանդաղորեն իջնելով ձիուց։― Լսի՜ր,― շարունակեց նա սանձը նեգրի ձեռքը տալով,― մի վեց գլուխ եգիպտացորեն տուր ձիուս։ Քսան մղոնից ավելի կայծակի արագությամբ եմ քշել անասունին․ քո տիրոջ համար եմ այդպես շտապ եկել։

― O՜, միստր Զեբուլոն Ստումպ, այդ դո՞ւք եք,― լսվեց մի արծաթահնչյուն ձայն, և պատշգամբում երևաց Լուիզա Պոյնդեքստերը։― Ես այդպես էլ կարծում էի, որ դուք կլինեք, թեպետև այսքան շուտ ձեզ տեսնել չէի սպասում։ Կարծեմ ասում էիք, որ հեռավոր ճամփորդության եք գնալու։ Բայց շատ ուրախ եմ, որ ձեզ այստեղ եմ տեսնում։ Հայրիկս ու Հենրին էլ շատ կուրախանան ձեզ տեսնելով․․․ Պլուտոն, իսկույն գնա Քլոյի մոտ և իմացիր՝ ինչով կարող է կերակրել նա միստր Ստումպին․․․ Դուք դեռ ճաշած չեք լինի, չէ՞։ Ամբողջովին փոշու մեջ եք․ երևի հեռվի՞ց եք գալիս․․․ Լսիր, Ֆլորինդա, շուտ վազիր սեղանատուն և որևէ բան բեր խմելու։ Չեմ տարակուսում, որ միստր Ստումպը խիստ ծարավ պիտի լինի այսպիսի մի շոգ օր․․․ Դուք ի՞նչը կգերադասեք, միստր Ստումպ, պորտ-վեյն, շերրի՞, թե՞ կլարետ։ Ա՛խ, հա, հիշեցի, դուք գերադասում եք մոնոն-գահիլյան վիսկի։ Կարծեմ պետք է ունենանք։ Վազի՛ր, Ֆլորինդա, և շուտ բեր․․․ Վերև բարձրացեք, միստր Ստումպ, և նստեցեք խնդրում եմ։ Դուք ցանկանում էիք հայրիկի՞ս տեսնել։ Նա որտեղ որ է կվերադառնա։ Իսկ ես կաշխատեմ զբաղեցնել ձեզ մինչև նրա գալը։

Եթե դեռատի կրեոլուհին շուտ էլ վերջացներ խոսքը, միևնույն է, իս-կույն պատասխան չէր ստանա։ Նույնիսկ այժմ էլ մի քանի վայրկյան անցավ, մինչև որ Ստումպը բերանը բաց արեց խոսելու։ Նա կանգնել էր աչքերը հառած աղջկա վրա, և ասես լեզուն կապվել էր հիացմունքից։

― Ողորմա՜ծ Աստված,― վերջապես խոսեց ծերունին,― միսս Լուիզա, երբ ձեզ Միսսիսիպիում տեսնում էի, կարծում էի, որ դուք ամենագեղեցիկ արարածն եք աշխարհի երեսին։ Բայց հիմա հավատացած եմ, որ ոչ միայն աշխարհի երեսին, այլև երկնքում էլ ձեզնից գեղեցիկը չկա։ Հովսափա՜թ։

Ծերունի որսորդը չէր չափազանցում։ Դեռատի կրեոլուհու հենց նոր սանրած մազերը այնքա՜ն գեղեցիկ էին փայլփլում։ Պաղ ջրով լվացվելուց հետո նրա այտերը վառ կարմիր էին շողում։ Հնդկական սպիտակ շղարշից կարված հագուստի մեջ բարեկազմ Լուիզա Պոյնդեքստերը իսկապես որ թվում էր առաջին գեղեցկուհին երկրի վրա գուցե և երկնքում։

― Հովսափա՜թ,― նորից գոչեց որսորդը։― Ես իմ օրում շատ կանայք եմ տեսել, որոնք ինձ գեղեցիկ են թվացել, իմ կինն էլ վատը չէր, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան Կենտուկիում, այս ամենն այսպես է։ Բայց, ա՜յ թե ինչ կասեմ, միսս Լուիզա․ եթե նրանց բոլորի գեղեցկությունը վերցնենք ու միացնենք, միևնույն է ձեզ նման հրեշտակի գեղեցկության մի հազա-րերորդ մասն էլ չի ստացվի։

― Ա՛յ, ա՛յ, ա՛յ, միստր Ստումպ, միստր Ստումպ, այդ արդեն ձեզանից չէի սպասում։ Երևում է, Տեխասը ձեզ սովորեցրել է սիրալիր խոսքեր ասել։ Եթե այդպես շարունակելու լինեք, վախենում եմ, որ կկորցնեք ճշմար-տախոս մարդու համբավը։ Հիմա արդեն ես լիովին համոզված եմ, որ ձեզ անհրաժեշտ է մի բան խմել․․․ Դե շուտ, Ֆլորինդա․․․ Դուք, միստր Ստումպ, կարծեմ ասացիք, որ գերադասում եք վիսկի՞ն։

― Եթե ես այդպիսի բան չեմ էլ ասել, համենայնդեպս, այդպես եմ մտածել, իսկ դա համարյա միևնույն բանն է․ Այո, միսս, ես մեր հայրենական խմիչքը գերադասում եմ օտարերկրյա խմիչքներից և երբեք անտարբեր չեմ անցնի նրա մոտով, եթե միայն աչքիս երևա։ Այդ տեսակետից Տեխասը ինձ չի փոխել։

― Մասսա Ստումպ, ջուր տա՞մ խառնելու համար,― հարցրեց Ֆլո-րինդան, բերելով կիսով չափ վիսկի լցրած բաժակը։

― Ի՜նչ ես ասում, հոգյակս։ Ջուրն ինչի՞ս է պետք։ Այս ամբողջ օրը ես ձանձրացել եմ ջրից։ Առավոտից մի կաթիլ գինի չի մտել բերանս, նույնիսկ հոտն էլ չեմ առել։

― Թանկագին միստր Ստումպ, բայց չէ՞ որ վիսկին այդպես խմել չի կարելի, ձեր կոկորդը կվառի։ Գոնե մի քիչ մեղր կամ շաքար վերցրեք։

― Իսկ ինչո՞ւ փչացնել Աստծու պարգևը, միսս։ Վիսկին առանց այդ համեմունքների էլ հիանալի խմիչք է, մանավանդ երբ արդեն աչքիդ առաջ է։ Հիմա դուք կտեսնեք, ես կարո՞ղ եմ խմել այն առանց ջուր խառնելու թե չէ։ Եկեք փորձենք։

Ծերունի որսորդը բաժակը մոտեցրեց շուրթերին և, երեք-չորս կում անելով, դատարկ բաժակը մեկնեց Ֆլորինդային։ Նրա շրթունքների բարձր չմփոցը համարյա խլացրեց զարմանքի ակամա բացականչու-թյունը, որ դուրս թռավ մանկահասակ կրեոլուհու և նրա սպասուհու բերանից։

― Ասում էիք՝ կվառի՞ կոկորդս։ Ամենևի՛ն։ Սա միայն փափկացրեց իմ կոկորդը։ Եվ հիմա ես պատրաստ եմ խոսելու ձեր հայրիկի հետ խատուտիկ մուստանգի մասին։

― Ա՜խ, իսկապես, ես բոլորովին մոռացել էի․․․ Այսինքն՝ այդ չէի ուզում ասել․․․ Ես պարզապես մտածում էի, թե ձեզ դեռ հաջողված չի լինի մի բան իմանալ։ Մի՞թե արդեն որևէ նորություն կա այդ գեղեցկուհու մասին։

― Գեղեցկուհի։ Ա՛յ, այդ ճիշտ է ասված։

― Վերջին անգամ մեզ մոտ լինելուց հետո որևէ նոր բան լսե՞լ եք այդ մուստանգի մասին։

― Ոչ միայն լսել, այլև տեսել եմ նրան և նույնիսկ ձեռքով շոշափել։

― Մի՞թե։

― Մուստանգը բռնված է։

― Իսկապե՞ս։ Ի՜նչ հիանալի նորություն։ Որքա՜ն ուրախ կլինեմ տեսնել այդ գեղեցկուհուն, և ի՜նչ հաճելի կլինի նրանով զբոսնել։ Այն օրից, ինչ ես Տեխասումն եմ, դեռ ոչ մի կարգին ձի չեմ ունեցել։ Հայրս խոստացել է այդ մուստանգը գնել ինձ համար, ինչ գին էլ ասելու լինեն։ Բայց ո՞վ է այն բախտավորը, որին հաջողվել է հասնել այդ ձիու ետևից։

― Դուք ուզում եք ասել ո՞վ է բռնել ձին։

― Այո՛, այո՛, ո՞վ է բռնել։

― Դե, իհարկե, մի մուստանգեր։

― Մուստանգե՞ր։

― Այո՛, և այնպիսի մի մուստանգե ր, որի նմանը պրերիայում չկա։ Ո՛չ ձի հեծնելու մեջ, ո՛չ լասսոն մուստանգի պարանոցը նետելու մեջ ոչ ոք նրա հետ մրցել չի կարող։ Եվ դեռ մեքսիկացիներին են գովում։ Բայց ես դեռ չեմ տեսել մի մեքսիկացի, որն այնպես հմտորեն վարեր նժույգը, ինչպես այդ երիտասարդը, իսկ նրա մեջ մեքսիկական ոչ մի կաթիլ արյուն չկա, գլխովս եմ երաշխավորում։

― Իսկ ինչպե՞ս են կոչում նրան։

― Ինչպես են կոչո՞ւմ։ Պետք է ձեզ խոստովանեմ, որ նրա ազգանունը երբեք չեմ լսել, բայց անունը Մորիս է։ Այստեղ նրան բոլորը կոչում են Մորիս մուստանգեր։

Ծերունի որսորդը չուներ այնպիսի զննողական հատկություն, որ նկատեր, թե ինչպիսի լարված հետաքրքրությամբ տրվեց իրեն այդ հարցը։ Նա չնկատեց նաև, թե ինչպես աղջկա այտերը շիկնեցին, երբ նա լսեց իր պատասխանը։

Բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չվրիպեց Ֆլորինդայի հայացքից։

― Ա՜, միսս Լուի,― գոչեց նա,― ախր հենց այդպես էր կոչվում այն քաջ երիտասարդը, որը մեզ փրկեց սև պրերիայում։

― Ճիշտ որ,― վրա բերեց որսորդը՝ դեռատի կրեոլուհուն ազատելով պատասխանելու անհրաժեշտությունից։― Հենց այսօր առավոտյան նա ինձ պատմում էր դրա մասին, հենց մեր դուրս գալուց առաջ։ Նա ինքն է, որ կա։ Հենց այդ երիտասարդն է բռնել խատուտիկ մուստանգը։ Հիմա նա ճանապարհին է, ձեզ մոտ է բերում այն ձին և էլի մի դյուժին մուստանգ-ներ, այստեղ կլինի մինչև մութն ընկնելը։ Իսկ ես իմ պառավ ձին առաջ քշեցի, որպեսզի ձեր հայրիկին պատմեմ սրա մասին։ Ես գիտեմ, որ ամ-րոցում ու ագարակներում հենց որ այդ ձիու մասին իմանան, իսկույն վրա կպրծնեն գնելու։ Ես այս ձեզ համար եմ արել, միսս Լուիզա։ Հիշում եմ, թե դուք ինչպես հետաքրքրվեցիք, երբ ես պատմում էի նրա մասին։ Դե՛հ, հի-մա մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի․ ծերունի Զեբ Ստումպը երաշխավորում է այդ։

― O՜, որքա՜ն բարի եք դուք, միստր Ստումպ։ Ես շա՜տ, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Հիմա դուք ինձ ներեցեք, ես պետք է մի րոպե ձեզ մենակ թողնեմ։ Հայրիկս շուտով կգա։ Այսօր մեզ մոտ հրավերք կա։ Ես պետք է որոշ տնտեսական կարգադրություններ անեմ․․․ Ֆլորինդա, ասա, որ միստր Ստումպին ուտելու բան տան։ Գնա և շուտ կարգադրություն արա․․․ Հա՛, էլի ինչ էի ասելու, միստր Ստումպ,― շարունակեց աղջիկը, մո-տենալով որսորդին և ձայնը ցածրացնելով․― եթե երիտասարդ․․․ այն երիտասարդը եթե կգա, երբ այստեղ, հյուրեր կլինեն,― նա երևի ծանոթ չի լինի նրանց հետ,― հետևեցեք խնդրում եմ, որ նրա մասին հոգ տանեն։ Այստեղ, այս պատշգամբում, գինի կլինի և ուտելիք։ Դուք, իհարկե, հասկանում եք, թե ինչի մասին եմ ասում ես, սիրելի միստր Ստումպ։

― Սատանի բաժին լինեմ, եթե որևէ բան եմ հասկանում, միսս Լուիզա։ Ես ձեզ հասկանում եմ, երբ խոսքը վերաբերում է ուտել-խմելուն, բայց թե ինչ երիտասարդի մասին եք խոսում, գլուխս չի մտնում։

― Դե ինչպե՞ս չեք հասկանում։ Երիտասարդ ջենտլմենը, այն երիտասարդը, որ մուստանգները պիտի բերի։

― Ա՜, Մորիս մուստանգե՞րը։ Ուրեմն նրա՞ մասին եք ասում։ Պետք է ասեմ, որ դուք չեք սխալվում նրան ջենտլմեն կոչելով, թեև հազվադեպ, կարելի է մուստանգերին այդպես կոչել, բայց այդ տղան ըստ ամենայնի ջենտլմեն է։ Եվ ծագումով, և՛ դաստիարակությամբ, և՛ իր վարք ու բարքով, չնայած նա որսորդ է, ինքն էլ՝ իռլանդացի։

Լուիզա Պոյնդեքստերի աչքերը փայլեցին ուրախությունից, երբ լսեց ծերունի որսորդի կարծիքը Մորիս մուստանգերի մասին։

― Բայց գիտե՞ք ինչ,― շարունակեց Զեբը, որի մեջ ասես մի ինչ-որ կասկած էր առաջացել,― ես ձեզ բարեկամաբար կասեմ, այդ տղան իրեն վի-րավորված կզգա, եթե երկրորդ ձեռքից հյուրասիրություն ստանա։ Ախր, նա ինչպես ընդունված էր ասել Միսսիսիպիում, «հպարտ է, ինչպես Պոյնդեքստեր»։ Ներեցեք, միսս Լուիզա,― որ ես այսպես եմ խոսում։ Մոռացա, որ խոսում եմ միսս Պոյնդեքստերի հետ, որն այդ ընտանիքի եթե ոչ ամենահպարտ, ապա ամենագեղեցիկ անդամն է։

― Օ՜, միստր Ստումպ, դուք ինձ կարող եք ասել ամեն բան, ինչ ցանկանում եք։ Դուք գիտեք, որ ձեզնից, մեր սիրելի հսկայից, ես չեմ նեղանա։

― Ո՞ւմ լեզուն կարող է դառնալ, որ ձեզ համար վիրավորական բան ասի, միսս Լուիզա։

― Շնորհակալ եմ, շնորհակալ։ Ես գիտեմ ձեր ազնիվ սիրտը, ձեր նվիրվածությունը։ Գուցե թե, միստր Ստումպ․․․― Նա խոսում էր անվճռական,― գուցե թե երբևիցե ձեր բարեկամությունն ինձ պետք կգա։

― Եվ այդ բարեկամությունը ձեզ չի ստիպի երկար սպասել իրեն, Զեբ Ստումպն այս կարող է խոստանալ ձեզ, միսս Պոյնդեքստեր։

― Շնորհակալ եմ, հազար անգամ շնորհակալ եմ․․․ Բայց ի՞նչ էիք ուզում ասել դուք։ Խոսում էիք երկրորդ ձեռքից հյուրասիրվելու մասին։

― Այո, ասացի։

― Ի՞նչ նկատի ունեիք դուք։

― Ուզում էի ասել՝ միտք չունի, որ ձեր տան մեջ Մորիս մուստանգերին ես առաջարկեմ մի բան ուտել ու խմել։ Եթե ձեր հայրն ինքը չառաջարկի նրան, նա առանց մի բանի ձեռք տալու կթողնի կգնա։ Հասկանո՞ւմ եք, միսս Լուիզա, ախր նա այնպիսի մարդ չի, որին կարելի է խոհանոց ուղարկել։

Դեռատի կրեոլուհին դրան միանգամից չպատասխանեց․ նա կարծես ինչ-որ բան էր մտածում։

― Դե, լավ, միստր Ստումպ, մի անհանգստացեք,― վերջապես խոսեց նա,― և նրա ձայնից զգացվում էր, որ տատանումները վերջացել են։― Լավ, միստր Ստումպ, դուք մի՛ հյուրասիրեք նրան։ Միայն թե, երբ գա, ինձ իմաց տվեք։ Բայց եթե այդ հենց ճաշկերույթի պահին լինի, նա, իհարկե, կհասկանա, որ ոչ ոք չի կարող իր մոտ դուրս գալ։ Այդ դեպքում, խնդրում եմ, միառժամանակ պահեցեք նրան։ Դուք խոստանո՞ւմ եք այս։

― Դե, իհարկե, քանի որ դուք խնդրում եք ինձ։

― Շնորհակալ եմ։ Միայն թե, երբ նա գա, անպայման ինձ իմաց տվեք։ Ես ինքս կառաջարկեմ մի բան ուտել։

― Վախենում եմ, որ դուք նրա ախորժակը փակեք, միսս։ Նույնիսկ քաղցած գայլը ուտելը կմոռանա, հենց որ ձեզ տեսնի կամ լսի ձեր զրնգուն ձայնը։ Երբ ես այստեղ եկա, այնպես քաղցած էի, որ պատրաստ էի մի ամբողջ հնդկահավ հում-հում կուլ տալու։ Իսկ հիմա ուտելիքն ինձ համար հե՞չ․ կարող եմ մի ամբողջ ամիս բան չուտել։

Լուիզան զրնգուն ծիծաղեց և որսորդին մատնացույց արեց բակի դիմացի ծայրը, որտեղ խոհանոցի դռնից դուրս եկավ Ֆլորինդան՝ մատուցարանը ձեռքին, իսկ նրա ետևից՝ Պլուտոնը, նույնպես ձեռքին մի մատուցարան, որն ավելի մեծ էր և ավելի շատ ծանրաբեռնված։

― Ա՜խ դուք, իմ սիրելի հսկա,― շինծու կշտամբանքով ասաց կրեոլուհին։― Չեմ հավատում, թե ձեր ախորժակն այդպես հեշտությամբ կփակվի․․․ Ահա գալիս են Պլուտոնն ու Ֆլորինդան։ Նրանք ինչ-որ բան են բերում, որը ձեզ համար ավելի լավ ընկեր կլինի, քան ես։ Դե՛, ցտեսությո՛ւն, Զեբ, ցտեսությո՛ւն։

Այս խոսքերն ասվեցին ուրախ տրամադրությամբ։ Լուիզան անհոգ հեռացավ պատշգամբից, բայց իր սենյակում մենակ մնալով՝ նորից սուզվեց խոր մտքերի մեջ։

«Սա իմ ճակատագիրն է։ Ես զգում եմ, ես գիտեմ այդ։ Ինձ համար սարսափելի է ընդառաջել այդ ճակատագրին, բայց և ուժ չունեմ նրանից խուսափելու։ Չեմ կարող և չեմ ուզում»,― շշնջաց նա։

Գլուխ XII․ Վայրի նժույգի սանձահարումը

Ազոտեան մեքսիկական տան ամենահաճելի մասն է։ Նրա հատակը հասիենդայի տափարակ կտուրն է, առաստաղը՝ երկնքի կապուտակ գմբեթը։ Լավ եղանակին,― իսկ այդ օրհնյալ կլիմայում միշտ էլ լավ եղանակ է լինում,― ազոտեան գերադասում են հյուրասենյակից։

Հետճաշյա ժամերին, երբ մայր մտնող արեգակը վարդագույն լույս է թափում Օրիզաբա, Պոպոքաթեփլ, Թալուկա և Երկվորյակ սարերի ձյունապատ գագաթներին, մեքսիկացի կաբալերոն[33] իր ասեղնագործած հագուստը հագին՝ կոտրատվում է չքնաղ սինյորիտայի առաջ սիգարի ծուխը փչելով ուղիղ նրա երեսին։ Սևաչյա գեղեցկուհին լուռ լսում է սիրային խոստովանությունը, բայց գուցե և չի լսում, այլ միայն ձևացնում է և տխուր նայում մի հեռավոր հասիենդայի, որտեղ ապրում է նա, ում պատկանում է իր սիրտը։

Իրիկնային մթնշաղի ժամերը կտուրին անցկացնելը մի սովորույթ է, որին հետևում են բոլորը, ովքեր բնակություն են հաստատել մեքսիկական հասիենդայում։ Միանգամայն բնական է, որ լուիզիանացի ագարակատիրոջ ընտանիքն էլ հետևում էր այդ սովորույթին։

Եվ ահա այն երեկոյին, երբ սեղանատունը դատարկվեց, բոլոր հյուրերը հավաքվեցին ոչ թե հյուրասենյակ, այլ՝ կտուրին։ Մայր մտնող արեգակն իր շեղ ճառագայթներով լուսավորում էր այնպիսի մի աշխույժ ու փայլուն հասարակություն, որպիսին հազիվ թե երբևիցե հավաքված լիներ Կասա դել Կորվոյի ազոտեայում։ Հյուրերը զբոսնում էին նրա մոզաիկ հատակին, խումբ-խումբ կանգ էին առնում ճաղաշարի մոտ, դիտում հեռուները։ Նույնիսկ հին ժամանակներում, երբ այդ տան նախկին տերն իր մոտ ընդունում էր Կոաուիլի և Տեխասի ամենաազնվածին հիդալգոներին[34], նույնիսկ այն ժամանակ այստեղ արիության ու գեղեցկության այնպիսի ծաղիկ չէր հավաքվում, ինչպես այդ երեկո։

Հյուրերը, որոնք այդ օրը հավաքվել էին Կասա դել Կորվոյում Վուդլի Պոյնդեքստերի նոր բնակարանը շնորհավորելու, ոչ միայն Լեոնայի սետլմենտների, այլև ավելի հեռավոր վայրերի ընտիր հասարակությանն էին պատկանում։ Այստեղ հյուրեր կային Գոնսալեսից, Կաստրովիլից և նույնիսկ Սան Անտոնիոյից։ Դրանք ագարակատիրոջ հին բարեկամներն էին, որոնք նույնպես գաղթել էին հարավարևմտյան Տեխաս։ Նրանցից շատերը հարյուր մղոնից ավելի ճանապարհ էին կտրել, այդ տոնախմբությանը ներկա լինելու համար։

Ագարակատերը ոչ փող էր խնայել, ոչ ջանք, որպեսզի շուք տա տոնախմբությանը։ Ամրոցից հրավիրված սպաների փայլփլուն բաճկոնները և ուսադիրները, զինվորական երաժշտախումբը, Կասա դել Կորվոյի նկուղների հիանալի հին գինիները՝ այս ամենը խնջույքին այնպիսի փայլ էր տալիս, որպիսին Լեոնայի ափերին դեռ երբեք տեսնված չէր։

Բայց հասարակության գլխավոր զարդը ագարակատիրոջ չքնաղ դուստրն էր։ Նրա գեղեցկության հռչակն ավելի շուտ էր Տեխաս հասել, քան նա ինքը կգար Լուիզիանայից, որտեղ նա համարվում էր առաջին գեղեցկուհին։ Դեռատի տանտիրուհին դիցուհու նման չքնաղ, թագուհու ժպիտը դեմքին մերթ այստեղ, մերթ այնտեղ երևում էր հյուրերի մեջ։

Հարյուրավոր աչքեր նրան էին հառած․ ոմանք նայում էին հիացմունքով, ոմանք՝ նախանձով։ Բայց երջանի՞կ էր արդյոք նա։

Այս հարցը կարող է տարօրինակ թվալ, համարյա անհեթեթ։ Շրջապատված լինելով բարեկամներով, երկրպագուներով, որոնցից մեկն արդեն վաղուց գժի պես սիրահարված էր նրան, մյուսները նոր էին միայն սկսում սիրահարվել․ երկրպագուներ, որոնց մեջ կային երիտասարդ ագարակատերեր, իրենց կարիերան նոր սկսող փաստաբաններ և արդեն հայտնի պետական գործիչներ, Մարսի զավակներ, որոնք դեռ զենք էին կրում կամ նոր էին ցած դրել այն, կարո՞ղ էր արդյոք երջանիկ չլինել նա։ Միայն կողմնակի մարդը կարող էր այս հարցը տալ, այն մարդը, որը ծանոթ չէ կրեոլուհիների բնավորությանը, մանավանդ Լուիզա Պոյնդեքստերի բնավորությանը։

Հյուրերի շողշողուն բազմության մեջ կար մի մարդ, որը ծանոթ էր և մեկին, և մյուսին, որն ագահորեն որսում էր աղջկա յուրաքանչյուր շարժումը և աշխատում էր հասկանալ նրա նշանակությունը։ Այդ մարդը Կասսի Կոլհաունն էր։

Ուր էլ որ գնար Լուիզան, Կոլհաունը ստվերի պես հետևում էր նրան, մերթ վերև էր բարձրանում, մերթ ցած էր իջնում, մերթ շինծու անտարբերությամբ մի անկյունում հենվում էր պատին, բայց ոչ մի րոպե հայացքը չէր հեռացնում չքնաղ կրեոլուհուց։

Որքան էլ զարմանալի է, նա ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է պատասխանում աղջիկը այն հաճոյախոսություններին, որ տղամարդիկ տեղում էին նրա վրա, ցանկանալով արժանանալ նրա գեթ մեկ ժպիտին։ Նույնիսկ երիտասարդ դրագուն Հենկոկի լուրջ սիրահետումը կարծես չէր անհանգստացնում Կոլհաունին։ Այդ ամենը նա լսում էր առանց նկատելի հուզմունքի, ինչպես սովորաբար մարդ լսում է այն խոսակցությունները, որոնք հետաքրքիր չեն ո՛չ իրեն, ո՛չ իր բարեկամներին։

Եվ միայն երբ բոլորը բարձրացան ազոտեա, Կասսի Կոլհաունը մատնեց իրեն։ Շրջապատի մարդիկ չէին կարող չնկատել, թե նա ինչպիսի խուզարկու հայացքով է հետևում Լուիզային, երբ վերջինս մոտենում էր ճաղերին և ուշի ուշով դիտում հեռուն։ Ոչ հեռու կանգնած հյուրերը շատ անգամ էին այդպիսի հայացք որսում, որովհետև հաճախ էր կրկնվում այն շարժումը, որ այդ հայացքի պատճառն էր դառնում։

Ամեն անգամ մի քանի րոպե անցնելուց հետո Կասա դել Կորվոյի դեռատի տիրուհին մոտենում էր ճաղաշարին և նայում հեռու դաշտավայրին, ասես հորիզոնում ինչ-որ բան էր որոնում։ Ինչո՞ւ էր աղջիկն այսպես անում՝ այդ ոչ ոք չգիտեր և ոչ ոքի չէր անհանգստացնում։ Ոչ ոքի, բացի Կասսի Կոլհաունից։ Իսկ նա ուներ իր կասկածները, որոնք բզկտում էին սիրտը։ Իսկ երբ պրերիայում մայր մտնող արեգակի ոսկե շողերի մեջ ինչ-որ ստվերներ երևացին, և ազոտեայից դիտողները շուտով նկատեցին, որ դա ձիերի երամակ է, որին քշում են մի քանի ձիավոր, Կոլհաունի մեջ այլևս կասկած չմնաց, նա գիտեր, թե ով է այդ հեծելախմբի գլուխ կանգնած։

Բայց մինչև ձիերի այդ երամակը հյուրերի ուշադրությունը կգրավեր, դրանից էլ շատ առաջ Լուիզան նկատել էր այն հորիզոնում բարձրացած փոշու ամպից, թեև, ճիշտ է, այն ժամանակ դա դեռ այնքան փոքր ու անորոշ էր, որ տեսնել կարող էր միայն նա, ով լարված սպասում էր նրա հայտնվելուն։ Այդ րոպեից սկսած դեռատի կրեոլուհին անբռնազբոսիկ խոսակցում էր ընկերուհիների հետ՝ աչքի տակով հետևելով մոտեցող փոշու ամպին։ Նա արդեն գլխի էր ընկել, թե ինչն է բարձրացրել այդ փոշու ամպը, բայց կարծում էր, թե միայն ինքը գիտե այդ։

― Վայրի ձիե՜ր,― հայտարարեց Ինջ ամրոցի հրամանատար մայորը, հեռադիտակը աչքերին դնելով։― Այս կողմն են քշում, բայց ո՞վ է քշողը․ Հա՜, հիմա տեսնում եմ,― ասաց նա նորից հեռադիտակը աչքերին դնելով։― Մորիս մուստանգերն է։ Նա երբեմն ձիեր է բերում մեզ։ Բայց կարծես ուղիղ այս կողմն է գալիս, միստր Պոյնդեքստեր։

― Շատ հնարավոր է, եթե դա այն երիտասարդն է, որի անունը դուք հիմա տվիք,― պատասխանեց Կասա դել Կորվոյի տերը։― Այդ մուստանգերը ինձ խոստացել է մի երկու-երեք տասնյակ ձի բերել և երևի արդեն բե-րում է․․․ Այո՛, այդպես էլ կա,― ասաց նա հեռադիտակով նայելով։

― Ես համոզված եմ, որ հենց նա է,― ասաց ագարակատիրոջ որդին։― Պարզ տեսնում եմ, որ ձիավորը Մորիս Ջերալդն է։

Ագարակատիրոջ դուստրը նույնպես կարող էր ասել այդ, բայց նա ցույց չտվեց, որ իրեն հետաքրքրում է այդ ամենը։ Նա նկատել էր, որ Կոլհաունի չար աչքերն անընդհատ հետևում են իրեն։

Վերջապես երամակը մոտեցավ։ Իսկապես, առջևից արշավում էր Մորիս մուստանգերը, որը լասսոյով կապած իր ետևից բերում էր խատուտիկ մուստանգը։

― Այս ի՜նչ հրաշալի ձի է,― լսվեց մի քանի բացականչություն, երբ անսովոր տեսարանից անհանգստացած վայրի մուստանգին մոտեցրին տանը։

― Բայց արժե ցած իջնել՝ մոտիկից նայելու այս մուստանգին,― ասաց մայորի կինը, որ խանդավառ բնավորություն ուներ։― Եկեք ցած իջնենք։ Ի՞նչ կասեք դուք, միսս Պոյնդեքստեր։

― Եթե ցանկանում եք,― լսվեց դեռատի տանտիրուհու պատասխանը մյուսների խուռն ձայների մեջ։

― Իջնենք ցած, շուտ իջնենք։

Մայորի կնոջ ետևից տիկինները ցած վազեցին քարե սանդուղքով։ Տղամարդիկ էլ հետևեցին նրանց։

Մի քանի րոպեից հետո մուստանգերը, որ դեռևս նստած էր իր ձիուն, արդեն խատուտիկ մուստանգի հետ շրջապատված էր ընտիր հասարակությամբ։

Հենրի Պոյնդեքստերը բոլորից առաջ ընկավ և բարեկամաբար ողջունեց մուստանգերին։

Լուիզան Մորիսի ողջույնին պատասխանեց միայն գլխի թեթևակի շարժումով։ Նա սիրտ չարեց ավելի մեծ ուշադրության արժանացնել ձի վաճառող երիտասարդին, նույնիսկ եթե ընդունենք, որ նա պատիվ է ունեցել ծանոթանալու իր հետ, որովհետև հազիվ թե դա դուր գար հասարակությանը։

Բոլոր տիկիններից միայն մայորի կինն էր, որ սիրալիր ողջունեց մուստանգերին, բայց նա այդ արեց մի տեսակ բարձրից, և նրա ձայնի մեջ էլ զիջողամտության տոն էր հնչում։ Սակայն դրա փոխարեն մուստանգերը գոհացած էր ջահել կրեոլուհու թռուցիկ ու արտահայտիչ հայացքից։

Ասենք՝ բարեհաճ վերաբերմունքը միայն Լուիզայի հայացքի մեջ չէր արտահայտվում։ Ճիշտն ասած՝ նույնիսկ ճանապարհի փոշոտված հագուստի մեջ էլ մուստանգերը շատ գեղեցիկ տեսք ուներ։ Երկար ճանապարհը կարծես ամենևին չէր հոգնեցրել նրան։ Տափաստանի քամուց երիտասարդ իռլանդացու դեմքը շիկնել էր։ Վերնաշապկի արձակված օձիքի միջից երևում էր նրա արևախանձ ուժեղ պարանոցը, որն ընդգծում էր երիտասարդի առնական գեղեցկությունը։ Թավ գանգուրներին նստած փոշին չէր կարողացել ծածկել նրանց փայլն ու գեղեցկությունը։

Նրա ամբողջ արտաքինի մեջ արտասովոր ուժ ու տոկունություն էր զգացվում։ Կանացի շատ աչքեր էին գաղտագողի նայում նրան՝ ջանալով որսալ նրա հայացքը։ Ինտենդանտի սիրունիկ ազգականուհին հիացմունքով ժպտում էր նրան։ Ասում էին, թե ինտենդանտի կինն էլ աչքի տա-կով նրան էր նայում, բայց դա, ըստ երևույթին, սոսկ բամբասանք էր, որ հո-րինել էր բժշկի կինը, որն ամրոցում հայտնի էր որպես բամբասասեր։

― Տարակույս չկա,― ասաց Պոյնդեքստերը դերի մուստանգին զննելով,― որ սա հենց այն ձին է, որի մասին ինձ ասել է Զեբ Ստումպը։

― Այո, հենց այն է, որ կա,― պատասխանեց ծերունի որսորդը, մոտե-նալով Մորիսին, որպեսզի օգնի նրան։― Միանգամայն ճշմարիտ է, միստր Պոյնդեքստեր, հենց այն նույն զամբիկն է։ Այս երիտասարդը սրան բռնել է դեռ նախքան ես իր մոտ կգնայի։ Լավ է, որ ես ժամանակին հասա, թե չէ ձին կարող էր ուրիշի ձեռք ընկնել, իսկ դա կվշտացներ միսս Լուիզային։

― Այդ ճշմարիտ է, միստր Ստումպ։ Դուք շատ ուշադիր եք դեպի ինձ։ Ես ուղղակի չգիտեմ, թե երբևիցե կարո՞ղ եմ երախտահատույց լինել ձեր բարության համար,― ասաց Լուիզան։

― «Երախտահատույց լինել»։ Ուզում եք ասել, որ կցանկանայիք որևէ հաճելի բա՞ն անել ինձ համար։ Այդ ձեզ համար դժվար չի լինի միսս։ Ախր ես, ճիշտն ասած, մի առանձին բան էլ չեմ արել․ ձիս քշել եմ պրերիայով ու գնացել սրա մոտ, ուրիշ ոչինչ։ Իսկ տեսնել, թե ինչպես ձեզ նման մի գեղեցկուհի նստել է այս ձին, այն էլ փետրազարդ գլխարկը գլխին և երկարափեշ զգեստը հագին՝ մի՞թե դա քիչ հաճույք կլինի․ այդպիսի վարձատրության համար Զեբ Ստումպը համաձայն կլիներ մինչև Ժայռոտ լեռները վազել ու ետ գալ։

― Օ՜, միստր Ստումպ, ի՜նչ անուղղելի շողոքորթն եք դուք։ Նայեցեք ձեր շուրջը և կտեսնեք շատ կանանց, որոնք ինձնից ավելի են արժանի ձեր հաճոյախոսություններին։

― Դե լա՛վ, լա՛վ,― պատասխանեց Զեբը մի թռուցիկ հայացք գցելով ներկա գտնվող տիկինների վրա։― Ես չեմ ժխտում, որ այստեղ գեղեցիկ կանայք շատ կան։ Այո՛, գրողը տանի, գեղեցիկ կանայք շատ են։ Բայց, ինչպես մեր Լուիզիանայում էին ասում, Լուիզա Պոյնդեքստերը մի հատ է։

Զեբի այս քաղաքավարի խոսքի պատասխանը եղավ քրքիջի մի պոռթկում, որի մեջ կանացի ձայն քիչ կարելի էր նկատել։

― Այս ձիու համար ես ձեզ պետք է վճարեմ երկու հարյուր դոլար,― ասաց ագարակատերը, դառնալով Մորիսին և մատնացույց անելով խատուտիկ մուստանգը։― Կարծեմ այդ գումարի մասին ձեզ հետ պայմանավորված պիտի լինի միստր Ստումպը։

― Ես այդպիսի սակարկության չեմ մասնակցել,― բազմանշանակ, բայց սիրալիր ժպիտով պատասխանեց մուստանգերը։― Ես ձեզնից փող վերցնել չեմ կարող։ Այս ձին ծախու չէ։

― Իսկապե՞ս,― հարցրեց ագարակատերը, ետ քաշվելով վիրավորված հպարտությամբ։

Ագարակատերերն ու սպաները Մորիսի պատասխանը լսելով չէին կարող թաքցնել իրենց ծայրահեղ զարմանքը։ Երկու հարյուր դոլար մի խամ ձիու համար, երբ սովորական գինը եղել է տասից քսան դոլար։ Մուստանգերը, երևի, խելքը թռցրել է։

Բայց Մորիսը նրանց հնարավորություն չտվեց դրա մասին դատողություններ անելու։

― Միստր Պոյնդեքստեր,― շարունակեց նա նույնպես սիրալիր,― դուք ինձ մյուս մուստանգների համար այնքան լավ եք վճարել, այն էլ ավելի շուտ, քան ես բռնել եմ նրանց, որ հիմա թույլ տվեք ինձ երախտահատույց լինել։ Այսպես է մեր իռլանդական սովորույթը։ Բացի դրանից, մեզ մոտ ընդունված է, որ երբ ձիու առևտուրը տանն է կատարվում, ընծան տալիս են ոչ թե նրան, ում հետ գործարք են կնքել, այլ նրա կնոջը կամ աղջկան․․․ Թույլ կտա՞ք ինձ իռլանդական այդ սովորույթը Տեխաս փոխադրել։

― Իհարկե,― պատասխանեցին մի քանի ձայներ։

― Ես չեմ առարկում, միստր Ջերալդ,― պատասխանեց ագարակատերը՝ ընդհանուրի կարծիքի առաջ նահանջելով իր պահպանողական բնավորությունից։― Ինչպես կամենում եք։

― Շնորհակալ եմ, պարոննե՛ր, շնորհակալ եմ,― խոսեց մուստանգերը արժանապատվությամբ նայելով մարդկանց, որոնք իրենց բարձր էին համարում նրանից։― Այս ձին էլ թող այդպիսի մի ընծա լինի։ Եվ եթե միսս Պոյնդեքստերը համաձայնի ընդունել այն, ես ինձ ավելի քան վարձատրված կզգամ այն երեք օրվա ջանքերի համար, որ գործադրել եմ անընդհատ հետապնդելով այս վայրենուն։

― Ես ընդունում եմ ձեր ընծան, սըր, և ընդունում եմ շնորհակալու-թյամբ,― առաջին անգամ խոսեց դեռատի կրեոլուհին փոքր-ինչ առաջ գալով։― Միայն թե՝ ինձ թվում է․․․― շարունակեց նա մատը մեկնելով դեպի մուստանգը և միաժամանակ հարցական հայացքով նայելով մուստան-գերի աչքերին,― ինձ թվում է, թե ձեր գերին դեռ ընտելացրած չէ։ Նա ամբողջ մարմնով դողում է անորոշ ապագայի առաջ և երևի կաշխատի ցած նետել սանձը, եթե չհավանի։ Եվ այն ժամանակ ի՞նչ պիտի անեմ ես, խղճուկս։

― Ճշմարիտ է, Մորիս,― ասաց մայորը, ամենևին չհասկանալով այդ խոսքերի գաղտնի իմաստը և դառնալով նրան, ով միայն ինքն էր հասկացել դրանց նշանակությունը։― Միսս Պոյնդեքստերն իրավացի է։ Մուստանգը դեռ բոլորովին խամ է։ Դա պարզ է բոլորին։ Հապա՛, սիրելի բարեկամս, մի քիչ վարժեցրեք դրան։― Լեդիներ և ջենտլմեններ,― դարձավ մայորը շրջապատին,― տեսնելու արժանի բան է, մանավանդ նրանց համար, ովքեր այդպիսի տեսարան դիտելու առիթ չեն ունեցել․․․ Հապա՛, Մորի՛ս, նստեցեք դրա վրա և ցույց տվեք մեզ, թե ինչ կարող են անել պրերիայի հեծյալները։ Նրա տեսքից երևում է, որ ձեր գործը հեշտ չի լինելու։

― Դուք իրավացի եք, մայոր, իսկապես, որ սա հեշտ խնդիր չէ,― պատասխանեց մուստանգերը մի արագ հայացք գցելով, բայց ոչ թե գերի չորքոտանու, այլ դեռատի կրեոլուհու վրա։

Ժողովելով բոլոր ուժերը, որպեսզի չմատնի իրեն, աղջիկը դողալով ետ քաշվեց ու թաքնվեց հյուրերի բազմության մեջ։

― Ոչինչ, Մորի՛ս, ոչինչ,― կրկնեց մայորը հանգստացող տոնով։― Թեպետև նրա աչքերը վառվում են կրակի պես, բայց գրազ եմ գալիս, որ դուք գժությունը դուրս կվանեք նրա միջից։ Փորձեցե՛ք։

Մայորի առաջարկությունը մուստանգերը չընդունել չէր կարող, պրոֆեսիոնալ հպարտությունը չէր թույլ տա այդ։ Դա նրա ճարպկության, հեծյալի վարպետության մարտահրավեր էր։ Տեխասի պրերիայում այն-քան էլ հեշտ չէ համբավ ձեռք բերել։

Մորիսն իր համաձայնությունն արտահայտեց նրանով, որ արագ ցած թռավ ձիուց և, սանձը Զեբ Ստումպին տալով, մոտեցավ խատուտիկ մուստանգին։

Երիտասարդ որսորդը նախապատրաստությունների վրա ժամանակ չկորցրեց, նա միայն խնդրեց տեղ բաց անել։ Եվ այդ կատարվեց անմիջապես․ հյուրերի մեծ մասը, այդ թվում և կանայք, վերադարձան ազոտեա։

Լասսոն գցելով մուստանգի ստորին ծնոտը և այն սանձի նման քաշելով գլխի կողմը՝ Մորիս Ջերալդը ցատկեց մուստանգի մեջքին։

Վայրի ձին առաջին անգամն էր իր վրա մարդ զգում, առաջին անգամն էր նրան այդպիսի վիրավորանք հասցվում։

Մի սուր ու չար վրնջոց ցույց տվեց, թե ինչպիսի ցասում առաջացրեց նրա մեջ իր ազատության այդ ոտնահարումը։

Ձին ծառս եղավ և մի քանի րոպե հավասարակշռությունը պահպանեց այդ դիրքում։ Մուստանգերը չշփոթվեց․ նա երկու ձեռքով գրկեց ձիու պարանոցը, ամուր սեղմելով նրա կոկորդը՝ պինդ կպավ նրա իրանին։ Եթե այդպես չաներ, ձին կարող էր մեջքի վրա ընկնել և իր տակ ճզմել ձիավորին։

Դրանից հետո ձին սկսեց վեր շպրտել ետևի ոտքերը, մի բան, որ նման դեպքերում միշտ անում են վայրի ձիերը։ Դա մուստանգերին առանձնապես դժվարին դրության մեջ դրեց․ քիչ էր մնում ցած ընկնի ձիու վրայից։ Իր ուժերին վստահ լինելով՝ մուստանգերը հրաժարվել էր թամբից ու ասպանդակներից, այնինչ դրանք հիմա նրան շատ կօգնեին։ Բայց թամբած ձին զսպելը պրերիայում սխրագործություն չէր համարվի։

Սա այդպես էլ չկարողացավ գլուխ բերել։ Երբ ձին սկսեց ետևի ոտքերը վեր շպրտել, մուստանգերն արագ շուռ եկավ նրա մեջքին, ձեռքերով գրկեց նրա կողերը և, ոտքերի մատները նրա թիակներին հենելով, չթողեց, որ իրեն ցած գցի։

Երկու-երեք անգամ մուստանգը կրկնեց այդ փորձը, բայց ամեն անգամ ստիպված էր զիջել հեծյալի ճարպկությանը։ Վերջապես հասկանալով, որ իր ջանքերն իզուր են, կատաղած ձին դադարեց աքացիներ տալ և, տեղից պոկվելով, սլացավ պրերիայով, այնպես արագ, որ ասես ուզում էր հեծյալին աշխարհի ծայրը հասցնել։

Այդ վազքը մի որևէ տեղ պիտի վերջանար, միայն թե ոչ ազոտեայում հավաքվածների տեսադաշտում։ Շատերը ենթադրություններ էին անում, թե մուստանգերը կարող է սպանվել, կամ, համենայնդեպս, խեղանդամ դառնալ։ Ներկա եղողների մեջ կար մեկը, որ սրտի խորքում այդ էր ցանկանում, իսկ մի ուրիշի համար դա համազոր կլիներ իր մահվան։ Թե ինչու Լուիզա Պոյնդեքստերը, լուիզիանացի հպարտ ագարակատիրոջ դուստրը, հռչակավոր գեղեցկուհին, որը կարող էր ամուսնանալ ամենաանվանի ու հարուստ մարդու հետ, իրեն թույլ էր տվել հրապուրվել կամ նույնիսկ պարզապես երազել տեխասցի այդ աղքատ որսորդի մասին, դա մի գաղտնիք էր, որը չէր կարող հասկանալ նույնիսկ ինքը, չնայած իր արտասովոր խելքին։

Գուցե նա դեռ այնքան հեռուն չէր գնացել, որ սիրահարվեր։ Նա ինքն այդպես չէր կարծում։ Նա զգում էր միայն, որ իր մեջ ինչ-որ տարօրինակ հետաքրքրություն է բռնկվել այդ մարդու նկատմամբ, որի հետ ինքը ծանոթացել էր ամենառոմանտիկ հանգամանքներում, և որն այնքան շատ տարբերվում էր մյուս բոլոր մարդկանցից, որոնք կազմում էին, այսպես ասած՝ ընտիր հասարակությունը։

Նա զգում էր նաև, որ խանձված պրերիայում լսած կամ նկատած մի խոսքի, մի հայացքի, մի շարժումի առաջացրած այդ հետաքրքրությունը մարելու փոխարեն օրեցօր ավելի ու ավելի է ուժեղանում։

Եվ Լուիզայի սիրտն սկսեց ավելի ուժեղ բաբախել, երբ Մորիս մուս-տանգերը նորից երևաց ձիու վրա, որն այժմ արդեն այլևս վայրի մուստանգ չէր, այլ վարժեցրած նժույգ․ նա այլևս չէր փորձում ցած գցել իր հեծյալին, այլ հանդարտվել էր և հնազանդորեն ընդունել նրան իրեն տեր։

Դեռատի կրեոլուհին էլ նույն զգացմունքն էր ապրում, թեև այդ ոչ ոք չնկատեց, և հենց ինքն էլ չէր գիտակցում։

― Միսս Պոյնդեքստե՛ր,― ասաց մուստանգերը, ցած թռչելով ձիուց և ուշադրություն չդարձնելով իրեն դիմավորող ծափահարությունների որոտին,― կարո՞ղ եմ արդյոք խնդրել ձեզ, որ մոտենաք ձիուն, լասսոն նրա պարանոցը գցեք և տանեք ախոռ։ Եթե դուք այդպես անեք, նա ձեզ կհամարի իրեն զսպողը և սրանից հետո միշտ հնազանդ կլինի ձեր կամքին։

Իրեն երևակայող մի գեղեցկուհի կվրդովվեր այդպիսի առակարկությունից, կոտրատվողի մեկը կմերժեր այն, իսկ եթե երկչոտի մեկը լիներ, պարզապես կվախենար։

Բայց Լուիզա Պոյնդեքստերը, ֆրանսիացի գաղթականի այդ շառավիղը առանց մի րոպե տատանվելու, առանց գոռոզության կամ վախի մի նշույլ ցույց տալու, վեր կացավ տեղից և հեռացավ իր արիստոկրատ զրուցակիցներից։ Հետևելով մուստանգերի խորհրդին՝ նա վերցրեց ձիու մազից հյուսած պարանը, գցեց մուստանգի վիզը և նրան տարավ Կասա դել Կորվոյի ախոռը։

Նրա ականջներում շարունակ հնչում և սրտի մեջ արձագանքում էին մուստանգերի խոսքերը․ «Նա ձեզ կհամարի իրեն զսպողը և սրանից հետո միշտ հնազանդ կլինի ձեր կամքին»։

Գլուխ XIII․ Խնջույք պրերիայում

Ծագող արևի առաջին վարդագույն ճառագայթները լուսավորեցին Ինջ ամրոցի դրոշակը։ Մի ավելի թույլ շող ընկավ սպայական բնակարաններով առջևի հրապարակի վրա և լուսավորեց մի փոքրիկ ֆուրգոն, որին մի զույգ մեքսիկական ջորի էր լծված։ Տեսնելով, թե ջորիներն ինչպիսի անհամբերությամբ են սմբակներով ծեծում գետինը, պոչերը խաղացնում ու ականջները սրում, կարելի էր եզրակացնել, որ նրանք արդեն վաղուց են լծված ու կանգնած միևնույն տեղում և անհամբեր սպասում են ճանապարհ ընկնելու։ Միաժամանակ ջորիների այդ շարժումները դանդալոշ մարդկանց զգուշացնում էին, որ չմոտենան և նրանց սմբակների տակ չընկնեն։

Ճիշտն ասած՝ այնտեղ դանդալոշներ չկային էլ, եթե չհաշվենք թաղիքե գլխարկով վիթխարահասակ մարդուն, որը չնայած թույլ լուսավորությանը, իսկույն երևում էր, որ ծերունի որսորդ Զեբ Ստումպն է։

Ստումպը կանգնած չէր, այլ հեծել էր իր պառավ զամբիկը, որը շատ ավելի քիչ ցանկություն էր ցուցաբերում տեղից շարժվելու, քան մեքսիկական ջորիները կամ հենց իր տերը։

Իսկ շուրջն ամեն ինչ տենդագին շարժման մեջ էր։ Արագ-արագ դես ու դեն էին ընկնում մարդիկ, որոնք ֆուրգոնի մոտից շտապում էին դեպի սպաների տուն, ապա նորից վերադառնում ֆուրգոնի մոտ։

Այնտեղ մոտ տասը մարդ կար, որոնք իրարից տարբերվում էին հագուստով և մաշկի գույնով։ Դրանցից շատերը ոչ շարային ծառայության զինվորներ էին։ Երկուսը հավանորեն խոհարարներ էին և էլի մի քանիսին կարելի էր սպաների, սպասյակների տեղ դնել։

Նրանց մեջ հպարտ-հպարտ ետ ու առաջ էր քայլում մի ֆրանտ նեգր։ Նրա ինքնավստահությունը կարելի էր բացատրել միայն նրանով, որ նա ամրոցի պարետ մայորի սպասավորն էր։ Այս մարդկանց խայտաբղետ խումբը ղեկավարում էր մի սերժանտ, որն իր աստիճանին համապատասխան երեք տրեզ ուներ թևքին։ Նրան հանձնարարված էր ֆուրգոնին բարձել ամեն տեսակ ուտելիք ու խմելիք, կարճ ասած՝ ամեն բան, ինչ հարկավոր էր խնջույքի համար։

Խնջույքը շատ շքեղ էր պատրաստվում։ Այդ կարելի էր հասկանալ ֆուրգոնին բարձած մթերքների առատությունից ու բազմապիսությունից․ այնտեղ կային ամեն տեսակի մեծ ու փոքր զամբյուղներ, մի երկարավուն արկղ, որի մեջ տասներկու շիշ շամպայն էր դասավորված, իսկ վառ դարչնագույն ներկված թիթեղյա տուփերը և սարդինի տուփերը ցույց էին տալիս, որ հեռավոր վայրերից էլ անուշ ուտելեղեններ են բերվել Տեխաս։

Չնայած գինիների ու ամեն տեսակ համեղ խորտիկների առատությանը, այնտեղ պրպտող մարդկանցից մեկը դժգոհ էր մնացել։ Այդ հիասթափված գուրմանը[35] Զեբ Ստումպն էր։

― Լսիր ինձ,― դարձավ նա սերժանտին,― ինձ թվում է, որ այս ֆուրգոնում մի ինչ-որ բան պակասում է։ Կարծում եմ պրերիայում կգտնվի մարդ, որի սրտովը չեն լինի արտասահմանյան այս տեսակ-տեսակ բաները, ինչպես օրինակ, այս շամպայնը, և որը պոյլոն ավելի կգերադասի։

― Պոյլոն շամպայնից գերադասո՞ղ։ Դուք ձիերի մասի՞ն եք ասում, միստր Ստումպ։

― Գրողը տանի քո ձիերին։ Ես ձիերի պոյլոյի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ մոնոնգահիլյան վիսկիի մասին։

― Հա-ա՜, հիմա ամեն ինչ հասկանալի է։ Դուք իրավացի եք, միստր Ստումպ․․․ Վիսկին չի կարելի մոռանալ, Պոմպեյ։ Կարծեմ այնտեղ մի շիշ կա խնջույքի համար։

― Ճիշտ այդպես, պարոն սերժանտ,― հնչեց սևամորթ ծառայի ձայնը, և նա մի մեծ շիշ ձեռքին մոտեցավ ֆուրգոնին։― Ահա հենց սա է։

Համարելով, որ արդեն ամեն ինչ պատրաստ է, ծերունի որսորդը սկսեց անհամբերության նշաններ ցույց տալ։

― Հը, սերժանտ, ամեն ինչ պատրա՞ստ է,― ասաց նա ասպանդակ-ների վրա ոտքերը վերուվար անելով։

― Դեռ ոչ, միստր Ստումպ։ Խոհարարն ասում է, որ դեռ պետք է ճտեր տապակի։

― Այ գետնի տակն անցնեն այդ ճտերը խոհարարի հետ միասին։ Մեր պրերիայի վայրի հնդկահավերի հետ համեմատած՝ ինչի՞ են պետք նրանք։ Մայորը հնդկահավի համը հասկանում է և ինձ պատվեր է տվել ինչ գնով էլ լինի մի լավ հնդկահավ ճարել։ Բայց, գրողը տանի, դա այնքան էլ հասարակ բան չէ, երբ արևն արդեն դուրս է եկել։ Մյուս կողմից էլ այս սայլն է կրնկակոխ հետևելու մեզ։ Մի՛ սխալվեք, սերժա՛նտ, թռչուններն այնպես հիմար չեն, ինչպես ամրոցի զինվորները։ Պրերիայի բոլոր բնակիչների մեջ վայրի հնդկահավն ամենախելոքն է, և հավատա, նրան խաբելու համար հարկավոր է ոտքի ելնել արևի հետ միասին, գուցե և ավելի շուտ։

― Ճշմարիտ է, միստր Ստումպ։ Ես գիտեմ, մայորը հույս է դրել ձեր որսորդական հմտության վրա և հավատացած է, որ հնդկահավի միս կվայելի։

― Ինչպե՜ս չէ։ Իսկ գուցե ուզում է նաև, որ ես իր համար բիզոնի լեզու և բուդ ճարեմ, թեև այդ կենդանին հարավային Տեխասում արդեն քսան տարի է, ինչ ոչնչացվել է։ Ճիշտ է, ես լսել եմ, թե եվրոպական գրողները, և մանավանդ ֆրանսիացիներն իրենց գրքերում բոլորովին ուրիշ բան են գրում, բայց այդ իրենց գործն է։ Այժմ այս կողմերում բիզոն չկա․․․ Այստեղ կան արջեր, եղջերուներ, քարայծեր, շատ կան վայրի հնդկահավեր, բայց որպեսզի կարելի լինի ճաշի համար որս խփել, հարկավոր է նախաճաշել մինչև լուսաբաց։ Ես պետք է ժամանակ ունենամ, այլ կերպ չեմ խոստանում, թե կարող եմ ձեր խումբը տանել և դեռ ճանապարհին էլ հնդկահավ խփել։ Այնպես որ, պարոն սերժանտ, եթե ուզում ես, որ այսօր ճաշին քո անվանի հյուրերը հնդկահավ խժռեն, կարգադրիր շուտ շարժվել։

Ծերունի որսորդի այս համոզիչ ճառն ազդեց սերժանտի վրա, և նա արեց ամեն բան, ինչ կախված էր իրենից, որպեսզի շուտ ճանապարհ ընկնեն բոլոր սևամորթ ու սպիտակամորթ օգնականների հետ։

Եվ դրանից հետո շատ չանցած՝ մթերք բարձած սայլը Զեբ Ստումպի առաջնորդությամբ արդեն շարժվում էր ընդարձակ հարթավայրով, որը փռված էր Լեոնա և Ռիո դը Նուեսես գետերի միջև։

*  *  *



Ֆուրգոնը ճանապարհ ընկնելուց դեռ մի քսան րոպե չանցած՝ նույն հրապարակում սկսեց հավաքվել մարդկանց մի ուրիշ խումբ, որը մի քիչ ուրիշ տեսք ուներ։

Եկան ձի հեծած տիկիններ, բայց նրանց ուղեկցում էին ոչ թե հեծյալ սպասավորներ, ինչպես Անգլիայում է լինում որսի ժամանակ, այլ՝ բարեկամները կամ ծանոթները, հայրերը, եղբայրները, փեսացուները, ամուսինները։ Այստեղ հավաքվեցին համարյա բոլոր նրանք, ովքեր ներկա էին եղել Պոյնդեքստերի խնջույքին։

Եկավ նաև ինքը՝ ագարակատերը, նրա որդի Հենրին, նրա ազգական Կասսի Կոլհաունը և դուստր Լուիզան։ Դեռատի աղջիկը հեծել էր խատուտիկ մուստանգը, որը Կասա դել Կորվոյի տոնախմբության ժամանակ բոլորի ուշադրությանն էր արժանացել։

Խնջույքը կազմակերպվել էր, որպեսզի շնորհակալություն հայտնեն Պոյնդեքստերին նրա հյուրասիրության համար։ Մայորը և մյուս սպաները տանտերերն էին, ագարակատերն ու իր բարեկամները՝ հրավիրված հյուրերը։ Հյուրերի զվարճության համար նախատեսվում էր վայրի ձիերի որս կազմակերպել, որ մի հիանալի, հազվադեպ տեսաբան էր լինելու։

Այդպիսի որսի վայր կարող էր լինել միայն պրերիան՝ Ինջ ամրոցից քսան մղոն հեռավորության վրա, որտեղ վայրի մուստանգներ էին լինում։ Դրա համար էլ հարկավոր էր վաղ ճանապարհ ընկնել և հետները բա-վականաչափ ուտելեղեն վերցնել։

Հենց որ արևի շողերը սկսեցին խաղալ Լեոնայի հայելանման հարթ մակերեսին, խնջույքի մասնակիցներն արդեն պատրաստ էին ճանապարհ ընկնելու մի քսան դրագունների ուղեկցությամբ, որոնց կարգադրված էր ետևից գալ։ Ինչպես արդեն ֆուրգոնի հետ գնացածները, այնպես էլ այս խումբն ուներ իր ուղեկիցը, սակայն դա խունացած բաճկոնով ու թաղիքե մաշված գլխարկով ծերունի որսորդը չէր, այլ մի երիտասարդ ձիավոր՝ գեղեցիկ հագուստով ու մի հիանալի ձի հեծած, միանգամայն արժանի այդպիսի՝ մի ընտիր խմբի առաջնորդ լինելու։

― Ժամանակն է, Մորիս,― ձայն տվեց մայորը, տեսնելով, որ բոլորն արդեն հավաքվել են։― Մենք պատրաստ ենք հետևելու ձեզ։― Ապա դառնալով ներկա գտնվողներին՝ ասաց․― Լեդիներ և ջենտլմեններ, այս երիտասարդը հիանալի գիտե վայրի ձիերի բնավորությունն ու սովորույթները։ Տեխասում ոչ ոք չի կարող վայրի ձի որսալու ձևերն ավելի լավ ցույց տալ, քան Մորիս մուստանգերը։

― Ես արժանի չեմ այդպիսի գովասանքի,― խոսեց երիտասարդ իռլանդացին՝ քաղաքավարությամբ գլուխ խոնարհելով հասարակությանը։― Ես միայն խոստանում եմ ցույց տալ, թե որտեղ են մուստանգներ լինում։

«Որքա՜ն համեստ է նա»,― մտածեց Լուիզան, ամբողջովին դողալով հենց միայն այն մտքից, ինչին վախենում էր հավատալ։

― Գնացի՜նք,― հրաման տվեց մայորը, և ուրախ հեծելախումբը Մորիս Ջերալդի գլխավորությամբ ճանապարհ ընկավ։

*  *  *



Տեխասի բնակիչների համար մինչև նախաճաշ պրերիայով քսան մղոն ճանապարհ կտրելը դատարկ բան է։

Այդ տարածությունը նրանք անցան մի երեք ժամում։ Ճանապարհորդությունը միանգամայն հաջող անցավ, եթե չհաշվենք այն, որ ճանապարհի վերջում բոլորն արդեն խիստ քաղց էին զգում։

Բարեբախտաբար մթերքի ֆուրգոնը երկար սպասել չտվեց, և դեռ կեսօր չեղած՝ այս ուրախ խումբն արդեն տեղավորվել էր նախաճաշելու Ռիո դը Նուեսես գետի ափին, մի վիթխարի ընկուզենու տակ։

Ճանապարհին առանձնապես ոչինչ չպատահեց։ Մուստանգերը որպես առաջնորդ, ինչպես միշտ, առջևից էր արշավում։ Խնջույքի մյուս մասնակիցները, չհաշված մեկ-երկուսին, համարյա չէին նկատում նրան, բացառությամբ այն դեպքերի, երբ մուստանգերը զարմացնում էր բոլորին հեծյալի իր վարպետությամբ, հեշտությամբ ցատկելով առուների ու փոսերի վրայով, մինչդեռ ուրիշները ծանծաղուտ էին որոնում կամ շրջանցում խոչընդոտը։

Կարելի էր կասկածել, թե նա դիտմամբ ուզում է աչքի ընկնել։ Կասսի Կոլհաունն այդպիսի մի կարծիք հայտնեց։ Հնարավոր է, որ այս անգամ պաշտոնաթող կապիտանը ճիշտ էր ասում։ Բայց ո՞վ կարող էր դրա համար մեղադրել մուստանգերին։ Տեսե՞լ եք դուք երբևիցե որսը Անգլիայում, որտեղ ամեն կողմից հպարտորեն փետրազարդ գլխարկներ են շարժում և խոտի վրայով քաշ են գալիս ամազոնուհիների երկար փեշերը։ Ասում եք տեսել եք, և ի՞նչ։ Զգույշ եղեք և իզուր մի կշտամբեք տեխասցի մուստանգերին։ Ինքներդ մտածեցեք, ախր նա քսան զույգ չքնաղ աչքերի կրակի տակ էր, որոնցից շատերը շողշողում էին աստղերի պես։ Հիշեցեք, որ նրանց մեջ էին նաև Լուիզա Պոյնդեքստերի աչքերը, և հազիվ թե զարմանաք, որ մուսստանգերն ուզում էր փայլել։

Մի քանի ուրիշ ձիավորներ էլ ո՛չ պակաս համառությամբ ուզում էին ցույց տալ իրենց խիզախությունն ու արիությունը։ Երիտասարդ դրագուն Հենկոկը շատ անգամ էր աշխատում ապացուցել, որ ինքը նորելուկ չէ ձիավարության մեջ, իսկ հրաձգային զորքերի լեյտենանտը մերթ ընդ մերթ հեռանում էր ինտենդանտի ազգականուհուց, որպեսզի ձիավարության իր արվեստը ցույց տա։ Իսկ երբ հիացական շշուկներ էր լսում, միշտ չէ, որ նայում էր նրա կողմը, ում, ընդհանուրի կարծիքով, պատկանում էր նրա սիրտը։

Օ՜, Պոյնդեքստերի դուստր, և՛ քաղաքակիրթ Լուիզիանայի սալոններում, և՛ վայրի Տեխասի պրերիաներում քո ներկայությունը փոթորիկ է առաջացնում։ Որտեղ էլ դու երևաս, արթնանում են ռոմանտիկական երազանքները, և սկսում են մոլեգնել կրքերը։

Գլուխ XIV․ Մանադա

Եթե Մորիս Ջերալդը պրերիայի լիակատար տիրակալը լիներ, և եթե նրա բոլոր բնակիչները հնազանդ լինեին մուստանգերին, էլի նա չէր կարող վայրի ձիերի որսի համար ավելի հաջող տեղ ընտրել, քան այն տեղը, ուր նա բերեց ուղևորներին։

Սան Անտոնիոյի գերմանական մառաններից բերված գինին դեռ նոր էր փրփրել բաժակներում, և երկնքի կապույտը սկսել էր ավելի խոր թվալ, իսկ կանաչը՝ ավելի զմրուխտ, երբ «Mustenos» աղաղակը խլացրեց ձայների դժժոցը, և դեռ լրիվ չարտահայտված սիրային խոստովանություններն ընդհատվեցին ուրախ ծիծաղի մի պոռթկումով։ «Mustenos» աղաղակողը մեքսիկացի վակերոն[36] էր, որին ուղարկել էին մոտակա բլրի վրայից հսկելու։

Մորիսը, որին սեղանի մոտ էին հրավիրել որպես հյուրի, արագ դատարկեց իր բաժակը և, ձիու վրա նետվելով, ձայն տվեց․

― Cavallada[37]։

― Ոչ,― պատասխանեց մեքսիկացին,― manada․

― Այդ ինչե՞ր են խոսում նրանք այնտեղ,― հարցրեց կապիտան Կոլհաունը։

― Mustenos ― մեքսիկական լեզվով նշանակում է «մուստանգներ»,― պատասխանեց մայորը,― իսկ մանադա նրանք կոչում են վայրի զամբիկների երամակը։ Տարվա այս պահին զամբիկները միասին խմբված են լինում և հովատակներից առանձնացած, եթե միայն․․․

― Եթե միայն ի՞նչ,― անհամբեր հարցրեց կապիտանը՝ ընդհատելով բացատրությունը։

― Եթե միայն էշերը չեն հարձակվում նրանց վրա,― պատասխանեց մայորը։

Բոլորը ծիծաղեցին։

Իսկ մինչ այդ մանադան մոտենում էր։

― Հեծնե՜լ ձիերը,― ձայներ լսվեցին այս ու այն կողմից։

Հազիվ կարելի էր մինչև հարյուր հաշվել, երբ սանձերն արդեն ձիերի բերաններում էին, որոնք դեռ չէին հասցրել եգիպտացորենը խժռել, և սանձափոկերն արդեն գցված էին նրանց պարանոցներին, որոնք դեռ չէին ցամաքել արևադարձային շոգ առավոտյան արագ արշավանքից հետո, և բոլորն արդեն թամբերի վրա էին, պատրաստ առաջ սլանալու։

Այդ ժամանակ վայրի երամակը երևաց այն բլրի կատարին, որի վրա հենց նոր հսկիչն էր կանգնած։ Իսկ նա, որ մասնագիտությամբ մուստանգեր էր, արդեն թամբի վրա էր և մի վայրկյանում երամակի մեջ նետվելով փորձում էր լասսոն գցել մուստանգներից մեկի վիզը։ Ձիերը վայրի խռխռոցով, կատաղի քառատրոփով սլանում էին, ասես փրկվելու համար ինչ-որ զարհուրելի հալածողից։ Շարունակ վախեցած ետ նայելու պատճառով նրանք չէին տեսնում ո՛չ ֆուրգոնը, ո՛չ ձիավորներին։

― Նրանց հետապնդող կա,― ասաց Մորիսը, տեսնելով կենդանիների անհանգստությունը։― Այդ ի՞նչ է այնտեղ, Կրեսպի՛նո,― ձայն տվեց նա մեքսիկացուն, որը բլրի վրայից պետք է տեսներ, թե ով է հալածում երամակը։

Բոլորը լուռ սպասում էին պատասխանի։ Նրանցից շատերի դեմքը տագնապ և նույնիսկ վախ էր արտացոլում։ Արդյոք հնդկացիներ չե՞ն մուստանգների ետևից ընկել։

― Սո asino cimmaron,― լսվեց մեքսիկացու քիչ մխիթարական պա-տասխանը։― Սո mасhе[38],― ավելացրեց նա։

― Դե ես այդպես էլ ենթադրում էի։ Հարկավոր է կանգնեցնել այդ անպիտանին, թե չէ կփչացնի մեր որսը։ Քանի դեռ վայրի էշը հետապնդում է երամակին, ոչ մի ուժ մուստանգներին կանգնեցնել չի կարող․․․ Հեռո՞ւ է արդյոք։

― Բոլորովին մոտիկ է, դոն Մորիսիո։ Ուղիղ իմ կողմն է վազում։

― Փորձիր լասսոդ նետել նրա վրա։ Եթե չհաջողվի, կրակիր։ Հարկավոր է դրանից ազատվել։ Ներկա եղողներից համարյա ոչ ոք չհասկացավ, թե ով է հետապնդում ձիերին։ Միայն մուստանգերը գիտեր, թե ինչ են նշանակում «Սո asino cimmaron» բառերը։

― Բացատրեցեք մեզ, Մորիս, ի՞նչ է նշանակում այս ամենը,― հարցրեց մայորը։

― Նայեցեք այն կողմը,― ասաց մուստանգերը, ձեռքը մեկնելով դեպի բլրի գագաթը։

Այս մի երկու խոսքը բավական էր։ Բոլորի հայացքները դարձան դեպի բլրի գագաթը, որտեղ թևավոր թռչունի արագությամբ սլանում էր այն կենդանին, որին մարդիկ սովոր են համարել դանդաղկոտության ու հիմարության տիպար։

Վայրի էշը խիստ տարբերվում էր իր եղբայրակից ընտանի էշից։ Նա համարյա նույն մեծության էր, ինչ մուստանգները, որոնց ետևից սլանում էր։ Եթե նա ամենաարագավազ մուստանգից արագ չէր վազում, ապա, համենայնդեպս, ետ էլ չէր մնում նրանցից։ Այս կենդանի պատկերը կայծակի արագությամբ ծագեց պրերիայի կանաչ ֆոնի վրա։

Դիտողները դեռ մի քանի խոսք էլ չէին փոխանակել, երբ վայրի զամբիկներն արդեն բոլորովին մոտիկ էին։ Եվ ահա, ասես առաջին անգամ նկատելով ձիավորներին, մուստանգները մոռացան իրենց ատելի հետապնդողին և կտրուկ շուռ եկան մի կողմի վրա։

― Լեդիներ և ջենտլմեննե՛ր, մնացեք ձեր տեղում,― գոչեց Ջերալդը՝ դառնալով ձիավորներին, որոնք փորձում էին զսպել իրենց ձիերին։ Ես գիտեմ, թե որտեղ է այս երամակի սիրած արոտը։ Հիմա նրանք հենց այնտեղ էլ վազում են։ Մենք կգնանք նրանց ետևից և այնտեղ լավ որս կսարքենք։ Իսկ եթե այստեղ սկսենք որսը, նրանք կթաքնվեն ահա այն մացառուտում, և այլևս մենք նրանց չենք տեսնի․․․ Դե՛, սինյոր Կրեսպինո՛, կրակիր այդ անպիտանի վրա։ Հիմա հո նա շատ հեռու չէ։

Մեքսիկացին արագ վերցրեց թամբին կապած իր կարճ հրացանը, նշան բռնեց ու կրակեց վայրի էշի վրա։

Էշը խռանչեց, բայց դա միայն մարտակոչ էր նրա կողմից։ Նա անվնաս էր մնացել․ Կրեսպինոն վրիպել էր։

― Հարկավոր է կանգնեցնել նրան,― գոչեց Մորիսը,― թե չէ հետապն-դումը կշարունակի մինչև գիշեր։

Եվ մուստանգերը կտրուկ շարժումով ասպանդակեց իր ձիուն։ Կաստրոն նետի պես սլացավ էշի ետևից, որը շարունակում էր հետապնդումը։

Մի քանի ոստյուն, և նժույգն արդեն իր տիրոջն այնքան մոտեցրեց էշին, որ կարելի էր լասսո նետել։ Էլի մի վայրկյան, և օղակը կայկածի արագությամբ իջավ էշի երկար ականջների վրա։

Լասսոն նետելուն պես Մորիսը կիսաշրջան գործեց։ Կաստրոն կտրուկ շուռ եկավ, ապա նույնպիսի հնազանդությամբ կանգ առավ տեղում, լարված սպասելով պարանի ձգվելուն։

Մի վայրկյան բոլորը շունչները պահեցին, երբ էշը առաջ նետվելով ձիգ տվեց պարանը, ապա ծառս եղավ տեղում և ծանրորեն ընկավ մեջքի վրա, ասես հենց ուղիղ սրտին գնդակ էր դիպել։ Էշը դեռ կենդանի էր․ պարանոցին պիրկ ձգված օղակը միայն շշմեցրել էր նրան։ Մեքսիկացին սուր դանակով կտրեց նրա վիզը։

*  *  *



Այս դեպքը որսի սկիզբը հետաձգեց։ Բոլորը սպասում էին, թե հիմա ինչ կանի Մորիս մուստանգերը։

Նա ցած թռավ իր ձիուց և մոտեցավ սպանված էշին, որպեսզի իր լասսոն վերցնի․․․ Բայց այդ րոպեին իռլանդացու շարժումների մեջ նկատվեց շտապողականություն, որ ակներևաբար առաջ էր բերել մի ինչ-որ նոր տագնապ։

Նա նետվեց դեպի իր ձին։

Ներկա եղողներից քչերը միայն նկատեցին մուստանգերի անսպասելի շտապողականությունը, շատերը զբաղված էին իրենց վախեցած ձիերով։ Իսկ նրանք, ովքեր նկատել էին, մնացել էին զարմացած։ Դրանից քիչ առաջ մուստանգերն ինքն էր իրենց հորդորում չշտապել։ Նրանք չէին հասկանում, թե ինչու այդպիսի խիստ փոփոխություն կատարվեց մուստանգերի վարմունքի մեջ։ Գուցե թե դրա պատճառն այն էր, որ Լուիզա Պոյնդեքստերը հանկարծ անջատվելով ձիավորների խմբից, կատաղի քառատրոփով առաջ սլացավ, ասես որոշելով բոլորից առաջ ընկնել երամակին հետապնդելու գործում։

Բայց վայրի ձիերի որսորդը գիտեր, թե այդ ինչ է նշանակում։ Այդպիսի անքաղաքավարի վարմունք հազիվ թե Լուիզան դիտմամբ կա-տարեր։ Ավելի շուտ դրա մեղքը խատուտիկ մուստանգինն էր։ Մորիսը նկատել էր, որ փախչող երամակը հենց այն նույն երամակն է, որի մեջ վերջերս գտնվում էր խատուտիկ մուստանգը։ Տարակույս չկար, որ իր ընկերներին նկատելով՝ մուստանգը հեծյալի հետ միասին սլանում էր նրանց միանալու։

Այսպես էր մտածում Մորիս մուստանգերը։ Շուտով մյուսներն էլ նույն մտքին հանգեցին։

Ասպետական պոռթկումով աղջկա ետևից սլացան համարյա բոլոր որսորդները, առջևից՝ Կոլհաունը, Հենկոկը և Կրոսմենը, իսկ՝ նրանց ետևից էլ մոտ տասը երիտասարդ՝ ագարակատերեր, փաստաբաններ, պաշտոնյաներ։ Նրանցից ամեն մեկը երազում էր, որ իր բախտը կբանի, և ինքը կհասնի փախստականին։

Բայց նրանցից ոչ մեկը լրջորեն անհանգստացած չէր․ բոլորը գիտեին, որ Լուիզա Պոյնդեքստերը հիանալի ձիավար է։ Նրա առաջ փռված էր ձիարշավարանի պես հարթ մի ընդարձակ դաշտ։ Մուստանգն այնքան կարշավի, մինչև որ կհոգնի։ Հեծյալին ցած գցել նա չի կարող։ Հազիվ թե Լուիզային լուրջ վտանգ է սպառնում․․․

Կար միայն մեկ մարդ, որ այդ կարծիքին չէր և առաջինը անհանգստություն ցուցաբերեց։ Դա ինքը՝ մուստանգերն էր։ Մորիսը վերջինը շարժվեց տեղից․ նա հապաղել էր իր լասսոն հավաքելով։ Երբ նա թռավ թամբի վրա ու սլացավ խատուտիկի ետևից, նրա և մյուսների միջև արդեն մոտ երկու հարյուր յարդ տարածություն կար։

Բոլորի առջևում գլխապատառ արշավում էր Կոլհաունը, չխնայելով ո՛չ իրեն, ո՛չ իր ձին։ Դրագունն ու հրաձիգը փոքր-ինչ ետ էին մնացել, իսկ վերջում արշավում էին մյուսները։ Մորիսն աստիճանաբար առաջ անցավ բոլորից և, իր նժույգին ասպանդակելով, Կոլհաունից էլ առաջ էր արշավում։

Երբ աշխետը ծածկեց հեռացող խատուտիկ մուստանգին, կապիտանը կատաղությունից թշշացնելով նզովք շպրտեց նրա ետևից։

Միջօրեի արեգակը լուսավորում էր բոլորովին արտասովոր մի տեսարան։ Վայրի ձիերի երամակը լայնարձակ պրերիայով սլանում էր աներևակայելի արագությամբ։ Այդ նույն երամակից մի ձի, մի աղջիկ մեջքին նստած, մոտ չորս հարյուր յարդ հեռավորությամբ ետևում էր նրան։ Դրանից էլ նույնքան հեռավորությամբ, աշխետ ձին նստած արշավում էր մեքսիկական զարդարուն հագուստով մի երիտասարդ, աշխատելով հասնել նրան, իսկ դրա ետևից էլ զինվորական ու քաղաքացիական զգեստով ձիավորների մի ամբողջ շարան։ Իսկ բոլորի վերջում լրիվ քառատրոփով արշավում էր դրագունների հեծելավաշտը, որ հենց նոր էր անջատվել դաշտում կանգնած մի խումբ ձիավոր տիկիններից ու տղամարդկանցից, որոնք ձեռքերով անհանգիստ շարժումներ էին անում, բայց տեղներից չէին շարժվում։

Մի քանի րոպե անց պատկերը փոխվեց։ Գործող անձինք պրերիայի հրաշագեղ կանաչ գորգի վրա էլի նույնն էին, բայց փոխվել էր նրանց դասավորությունը, համենայնդեպս նրանց միջև ընկած տարածությունը մեծացել էր, մանադան ավելի էր հեռացել խատուտիկ մուստանգից, մուստանգը՝ աշխետից, իսկ վերջինիս մրցակիցներն արդեն բոլորովին չէին երևում, և միայն բարձր շափյուղյա երկնքում ճախրող արծիվը կարող էր իր սուր աչքերով տեսնել նրանց։

Վայրի ձիերը, խատուտիկ մուստանգն իր հեծյալով և աշխետ նժույգն իր հեծյալով մենակ էին մնացել լայնարձակ սավաննայում։

Գլուխ XV․ Փախստականը բռնված

Դարձյալ մի մղոնաչափ արշավը շարունակվեց առանց որևէ փոփոխության։

Վայրի զամբիկներն առաջվա պես արագ էին սլանում, բայց այլևս արդեն չէին վրնջում և վախի նշաններ չէին ցույց տալիս։ Ետևից լսվում էր խատուտիկ մուստանգի կցկտուր խրխինջը, բայց նախկին ընկերներն ասես չէին նկատում նրան։ Լուիզան ձիուն նստած էր հանգիստ, առանց նկատելի տագնապի։

Աշխետն անհանգստացած էր, թեև ո՛չ իր տիրոջ չափ, որը կարծես մոտիկ էր հուսահատության։

― Դե շո՛ւտ, Կաստրո՛,― գոչեց Մորիսն անհամբերությամբ,― այսօր ի՞նչ է պատահել քեզ։ Մի՛ մոռացիր, որ անցյալ անգամ դու հասար նրա ետևից, թեև, իհարկե, դժվարությամբ։ Բայց չէ՞ որ հիմա նրա վրա հեծյալ կա։ Այնտեղ նայի՛ր, հիմա՛ր անասուն, այն հեծյալը ինձ համար աշխարհում ամեն բանից ավելի թանկ է, նրա համար ես քո կյանքն էլ կտամ, իմն էլ․․․ Խատուտիկ զամբիկը կարծես ավելի առույգ է դարձել։ Գուցե դա նրանից է, որ նա արդեն վարժվե՞լ է։ Թե՞ ձիերն ընդհանրապես ավելի արագ են վազում, երբ իրենց մեջքին հեծյալ կա։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ իմ տեսադաշտից անհետանա։ Դա իսկապես որ անախորժ բան կլինի․ նա կարող է շատ դժվարին դրության մեջ ընկներ Դեռ ավելին․ նրան վտանգ է սպառնում, լուրջ վտանգ։ Եթե ես նրան տեսողությունից կորցնեմ, փորձանքի կգա։ Այսպես շշուկով ինքն իրեն խոսելով՝ Մորիսը սլանում էր՝ աչքը չկտրելով ավելի ու ավելի հեռացող ձիավորից։ Ժամանակ առ ժամանակ նա անհանգիստ հայացքով չափում էր իրենց բաժանող տարածությունը։

«Չկանչե՞մ նրա ետևից,― հանկարծ անցավ նրա մտքով։― Ձայնս գուցե և հասնի նրան, բայց արդյոք կլսի՞ իմ խոսքերը և կհասկանա՞ իմ զգուշացումը»։ Եվ Մորիսը ձայն չտվեց Լուիզային նաև այն պատճառով, որ հույսը չէր կտրում հասնելու նրա ետևից, բացի այդ նա գիտեր, որ մուստանգին կանգնեցնել կարելի է ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ։

Առայժմ նա ինքն իրեն սիրտ էր տալիս, թե ահա որտեղ որ է այնքան կմոտենա, որ կկարողանա լասսոն գցել մուստանգի պարանոցը և նրան կստիպի հնազանդվել․․․ Սակայն այդ հույսը քիչ-քիչ մարում էր։

Այժմ նրանք սլանում էին խիտ թփուտների արանքով, որոնք այստեղ ծածկում էին պրերիան և տեղ-տեղ փոխվում էին խիտ մացառուտի։ Սա նոր անհանգստություն պատճառեց մուստանգերին։ Խատուտիկ զամբիկը կարող էր շուռ գալ դեպի թավուտը կամ պարզապես անհետանալ մացառուտի մեջ։

Վայրի զամբիկները համարյա այլևս չէին երևում։ Հազիվ թե նրանց նախկին ընկերուհին կարողանար հասնել երամակին։

Սակայն դրանից վտանգը չէր նվազում։ Կմոլորվեր աղջիկը պրերիայում կամ անտառի թավուտում, թե կընկներ վայրի ձիերի երամակի մեջ, միևնույն է, երկուսն էլ միանման սոսկալի բաներ էին։ Եվ հանկարծ մուստանգերը մտածեց մի ավելի ահավոր վտանգի մասին, այնպիսի մի սարսափելի վտանգի, որ նա անասելի անհանգստությամբ համակված սոսկումով գոչեց․

― Երկնայի՜ն ուժեր։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ այստեղ լույս ընկնեն հովատակները։ Չէ՞ որ սա նրանց սիրած տեղն է։ Մի շաբաթ առաջ նրանք այստեղ էին։ Իսկ հիմա հենց իսկ և իսկ այն ամիսն է, երբ նրանք կատաղած են լինում։

Նորից մուստանգերի խթանները խրվեցին աշխետի կողերը։ Կաստրոն, որ սլանում էր ամբողջ թափով, գլուխը ետ դարձրեց և կշտամբանքով նայեց տիրոջը։

Հենց այդ լարված րոպեին աշխետն ու նրա տերը վայրի զամբիկներին կորցրին տեսողությունից, և երևի խատուտիկ մուստանգը նույնպես։ Եվ դրա մեջ ոչ մի անբնական բան չկար․ նրանք ծածկվել էին թավուտում։

Երամակի անհետացումը խատուտիկ մուստանգի վրա մոգական ներգործություն ունեցավ․ հանկարծ նա քայլերը դանդաղեցրեց և մի րոպե անց բոլորովին կանգ առավ։

Մորիսը, իր նժույգին խթանելով, քառատրոփ դուրս եկավ անտառի բացատը և տեսավ, որ խատուտիկ մուստանգն անշարժ կանգնած է այնտեղ, իսկ Լուիզան հանգիստ նստած է թամբին, ասես մուստանգերին է սպասում։

― Միսս Պոյնդեքստե՛ր,― գոչեց նա մոտենալով։― Որքա՜ն ուրախ եմ, որ ձին նորից հնազանդվել է ձեզ։ Ես շատ անհանգստացած էի․․․

― Ինչի՞ց, սըր,― հարցրեց աղջիկը։

― Այն վտանգից, որ սպառնում էր ձեզ,― պատասխանեց երիտասարդը փոքր-ինչ շփոթված։

― Օ՜, շնորհակալ եմ ձեզնից, միստր Ջերալդ։ Բայց մի՞թե ինձ վտանգ էր սպառնում։

― «Վտա՜նգ էր սպառնում»,― կրկնեց իռլանդացին աճող զարմանքով։― Լինել մի վայրի ձիու վրա, որը ձեզ փախցնում է ամայի պրերիայի միջո՜վ․․․

― Դատա՜րկ բան։ Դուք կարծում եք նա կարող էր ինձ ցա՞ծ գցել։ Բայց չէ՞ որ ես լավ ձիավար եմ։

― Այդ ես գիտեմ, միսս Պոյնդեքստեր, բայց երևակայեցեք, որ դուք մոլորվեիք մացառուտների մեջ, որտեղ բուն տեխասցին անգամ դժվարությամբ է ճանապարհ գտնում։ Այդ դեպքում հազիվ թե ձեր հմուտ ձիավարությունն օգներ ձեզ։

― Օ՜, ուրեմն դուք մտածում էիք, թե ես կմոլորվե՞մ։ Ա՜յ թե ինչ վտանգ էր սպառնում ինձ։

― Ո՛չ միայն այդ։ Ասենք դուք կարող էիք հանդիպել․․․

― ․․․Հնդկացիների՞,― հարցրեց Լուիզան, չսպասելով, որ մուստանգերն իր խոսքն ավարտի։― Ինչ կա, որ եթե նույնիսկ այդպես պատահեր։ Չէ՞ որ կոմանչները հիմա մեզ հետ հաշտ են։ Կարծում եմ նրանք ինձ ոչ մի վնաս չէին տա։ Այդպես ասաց մայորը, երբ մենք այստեղ էինք գալիս։ Ճշմարիտ, ես նույնիսկ ուրախ կլինեի այդպիսի հանդիպման, և համենայնդեպս, չէի խուսափի դրանից։ Որքա՜ն կուզենայի տեսնել այդ ազնիվ վայրենիներին՝ իրենց հայրենի պրերիայով սլանալիս։ Բայց ո՛չ այնպիսիներին, որոնց վերջերս տեսել եմ մեր ավանում՝ «հրահեղուկից»[39] շշմած ու գունատված։

― Ես հիացած եմ ձեր խիզախությամբ, միսս Պոյնդեքստեր, բայց եթե ես պատիվ ունենայի ձեր բարեկամներից մեկը լինելու, ձեզ խորհուրդ կտայի մի քիչ զգույշ լինել։ «Ազնիվ վայրենին» պրերիայում էլ ամեն անգամ ուշիմ չի լինում և միշտ չէ այնքան ազնիվ, որքան կարծում եք դուք։ Եվ եթե դուք հանդիպեիք նրանց․․․

― ․․․և նա որևէ կոպտություն թույլ տար իրեն, ես նետի պես կսլանայի ու կվերադառնայի իմ բարեկամների մոտ։ Այսպիսի արագավազ ձիու վրա, ինչպիսին իմ սիրելի մուստանգն է, հազիվ թե որևէ մեկին հաջողվի հասնել իմ ետևից։ Երևի ձեզ համար էլ, միստր Ջերալդ, հեշտ չի եղել անել այդ, չէ՞։

Մուստանգերը կրեոլուհուն նայում էր աչքերը լայն բացած, հիացմունքով ու զմայլված։

― Բայց,― վերջապես խոսեց նա երկար լռությունից հետո,― մի՞թե դուք ուզում եք ասել, որ կարող էիք ձին կանգնեցնել։ Մի՞թե նա ձեզ չէր փախցնում։ Արդյոք դա նշանակում է, որ․․․

― Ոչ, ոչ, ոչ,― արագ պատասխանեց աղջիկը փոքր-ինչ շփոթվելով։ ― Սկզբում այդպես էր, մուստանգն իսկապես փախցնում էր ինձ, բայց հետո․․․ հետո տեսա, որ սանձը ձգելով կարող եմ կանգնեցնել նրան։ Եվ այդպես էլ արի ձեր աչքի առաջ, դուք հո տեսաք, չէ՞։

― Իսկ կարո՞ղ էիք ավելի շուտ կանգնեցնել նրան։

Այս Հարցը մուստանգերը տվեց իր մեջ անսպասելիորեն ծագած մի միտք պարզելու համար և նա անհամբեր սպասում էր պատասխանին։

― Գուցե թե․․․ Հարկավոր էր միայն ավելի ամուր քաշել սանձը․․․ Բայց պետք է ձեզ խոստովանեմ, միստր Ջերալդ, որ ես շատ եմ սիրում արագ սուրալ, մանավանդ պրերիայով, որտեղ որևէ մեկի հավը կամ խոճկորը տրորելու վտանգ չկա․․․

Մորիսը զարմանք էր կտրել։ Նրա հայրենիքը հռչակված էր համարձակ կանանցով, որոնք կարողանում էին զսպել նույնիսկ ամենատաքարյուն ձիերին, բայց դեռ նա երբեք այդպիսի խիզախ ու հմուտ ձիավար կին չէր տեսել։

Զարմանքը հիացմունքի հետ խառնվելով՝ խանգարեց նրան միանգամից պատասխանել։

― Ճիշտն ասած,― շարունակեց աղջիկը անկեղծ պարզությամբ,― ես չէի էլ ափսոսում, որ ձին փախցրել է ինձ։ Դատարկ շատախոսությունը և անվերջ հաճոյաբանությունն ո՛ւմ ասես, որ չեն ձանձրացնի։ Ես ուզում էի թարմ օդ շնչել և մենակ լինել։ Այնպես որ, վերջիվերջո, միստր Ջերալդ, ամեն ինչ շատ հաջող ստացվեց։

― Դուք ուզում էիք մենա՞կ լինել,― հարցրեց մուստանգերը հիասթափված տեսքով։― Ներեցեք, որ ես խանգարել եմ ձեր միայնությունը։ Հավատացնում եմ ձեզ, միսս Պոյնդեքստեր, ես ձեզ հետևում էի միայն, նրա համար, որ իմ կարծիքով, ձեզ վտանգ էր սպառնում։

― Այդ շատ սիրալիր վերաբերմունք է ձեր կողմից, սըր։ Եվ որովհետև հիմա ես գիտեմ, որ վտանգ իսկապես եղել է, անկեղծ շնորհակալ եմ ձեզանից։ Դուք երևի հնդկացիների՞ն եք նկատի ունեցել։

― Ոչ, ճիշտն ասած՝ ես հնդիկների մասին չէի մտածում։

― Որևէ ուրի՞շ վտանգ կար։ Ասացեք խնդրում եմ, ի՞նչ վտանգ, և հետագայում ես ավելի զգույշ կլինեմ։

Մորիսը միանգամից չպատասխանեց։ Նրա ականջին հասած անսպասելի մի ձայն նրան ստիպեց ետ նայել, և նա ասես չլսեց զրուցակցի խոսքը։

Կրեոլուհին հասկացավ, որ ինչ-որ բան գրավեց մուստանգերի ուշադրությունը, և ինքն էլ սկսեց ականջ դնել։ Լսվեց մի սուր ծղրտոց, ապա՝ էլի և էլի։ Հետո լսվեցին սմբակների դոփյուններ․․․

Մուստանգերի համար դա հանելուկ չէր, և այն խոսքերը, որ դուրս թռան նրա շուրթերից, կրեոլուհու հարցի ուղղակի, թե պետ և ոչ նախամտածված պատասխանն էին։

― Վայրի հովատակնե՜րը,― գոչեց նա տագնապով։― Ես գիտեի, որ նրանք այս մացառուտներում պիտի լինեն․․․ Եվ այդպես էլ կա։

― Ա՞յդ է այն վտանգը, որի մասին դուք խոսում էիք։

― Այո՛։

― Բայց դրանք եղած-չեղած՝ մուստանգներ են, ի՞նչ մի սարսափելի բան են որ։

― Սովորաբար նրանցից վախենալու բան չկա։ Բայց հատկապես այժմ, տարվա այս ժամանակ նրանք վագրի պես կատաղի են դառնում և նրա պես էլ վտանգավոր։ Կատաղած վայրի հովատակը ավելի վտանգավոր է, քան գայլը, հովազը կամ արջը։

― Ուրեմն ի՞նչ անենք այժմ,― վախեցած հարցրեց Լուիզան և ավելի մոտեցավ այն մարդուն, որն արդեն մի անգամ նրան փրկել էր փորձանքից։ Տագնապահար նայելով մուստանգերի աչքերին՝ նա պատասխանի էր սպասում։

― Եթե նրանք հարձակվեն,― պատասխանեց Մորիսը,― մենք միայն երկու ելք կունենանք։ Առաջին ելքն է՝ բարձրանալ ծառը, մեզ փրկել, թողնելով, որ նրանք բզկտեն մեր ձիերին։

― Իսկ երկրորդը՞,― հարցրեց կրեոլուհին ձայնի այնպիսի հանգստությամբ, որը ցույց էր տալիս նրա հոգու արիությունը, ամեն փորձանքի դիմանալու պատրաստակամությունը։― Ես ամեն բանի համաձայն եմ, միայն թե մեր ձիերը չթողնենք։ Դա դրությունից դուրս գալու ամենավատ ելքը կլինի։

― Մենք այդպես անել չենք էլ կարող․ այստեղ մոտերքում ոչ մի հարմար ծառ չի երևում, և եթե նրանք հարձակվեն մեզ վրա, մեզ մնում է միայն հույս դնել մեր ձիերի արագավազության վրա։ Դժբախտաբար,― շարունակեց նա ուշիուշով դիտելով խատուտիկ մուստանգին, ապա իր աշխետին,― այսօր սրանք խիստ շատ են վազել և հոգնած են։ Սա է դժ-բախտությունը։ Վայրի հովատակները հազիվ թե հոգնած լինեն․․․

― Ժամանակը չէ՞, որ շարժվենք։

― Դեռ ոչ։ Որքան ավելի շատ հանգստանան մեր ձիերը, այնքան ավելի լավ։ Գուցե և հովատակներն այս կողմը չգան։ Իսկ եթե գալու էլ լինեն, այդ դեռ չի նշանակում, թե մեզ վրա կհարձակվեն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տրամադրության մեջ են նրանք։ Եթե գզվրտվում են իրար հետ, ապա ուրեմն կարող են հարձակվել մեզ վրա։ Այդպիսի րոպեներին նրանք կատաղած են լինում և հարձակվում են իրենց եղբայրակիցների վրա, եթե նույնիսկ նրանց վրա մարդիկ են լինում նստած․․․ Ա՜, հենց այդ-պես էլ կա․ նրանք պայքարում են իրար հետ։ Լսո՞ւմ եք նրանց վրնջոցը։ Նրանք այս կողմն են ուղղվում։

― Միստր Ջերալդ, ուրեմն էլ ինչո՞ւ մենք հենց հիմա չարշավենք հակառակ կողմը։

― Այժմ շարժվելն իմաստ չունի։ Առջևում բաց հարթություն է, և մենք թաքնվելու տեղ չենք գտնի։ Նրանք ավելի շուտ կլինեն այնտեղ, քան մենք կկարողանանք բավականաչափ հեռանալ, և շուտով կհասնեն մեր ետևից։ Այն տեղը, ուր մենք կարող ենք փախչել, միակ ապահով տեղը, որ ես կարող եմ հիշել, գտնվում է մյուս ուղղության վրա։ Որքան կարող եմ դատել նրանց ձայներից, նրանք հենց այն կողմն էլ նետվեցին։ Եթե մենք շատ վաղ շարժվենք, դեմ կառնենք նրանց։ Պետք է սպասենք և աշխատենք գնալ նրանց ետևից։ Եթե մեզ այդ հաջողվեց և կարողացանք մի երկու մղոն տարածություն քառատրոփ քշել, կհասնենք մի տեղ, որտեղ պակաս ապահով չենք լինի, քան Կասա դել Կորվոյի ցանկապատի ներսը։ Դուք վստա՞հ եք, որ կարող եք տիրապետել ձեր մուստանգին։

― Լիովի՛ն,― արագ պատասխանեց կրեոլուհին․ վտանգը ձևականությունը մոռացնել էր տվել։

Գլուխ XVI․ Վայրի մուստանգները հետապնդում են

Ձիավորները լարված նստած էին թամբերին։ Լուիզան ավելի քիչ էր հուզվում, քան մուստանգերը, որովհետև իր հույսը դրել էր երիտասարդի վրա։ Նա այնքան էլ չէր հասկանում, թե ինչ վտանգ է սպառնում իրենց, բայց գլխի էր ընկնում, որ վտանգը շատ մեծ է, քանի որ Մորիս Ջերալդի նման մի մարդ անհանգստանում է։ Բայց և այն գիտակցությունը, որ երիտասարդի անհանգստությունը մասամբ կապված է իր անվտանգության հետ, հակառակ ամեն ինչի՝ հրճվանքով էր լցնում նրա սիրտը։

― Կարծում եմ, հիմա մենք կարող ենք ռիսկ անել,― ասաց Մորիսը մի անգամ էլ ականջ դնելով։― Կարծես նրանք արդեն անցան այն բացատը, որով մեր ճանապարհն է գնում։ Աղաչում եմ, ուշադիր եղեք։ Պինդ նստեցեք թամբի վրա և ամուր բռնեք սանձը։ Որտեղ ճանապարհը թույլ կտա՝ քշեցեք իմ կողքով և ո՛չ մի դեպքում մի քայլից ավելի ետ չմնաք։ Ես ստիպված եմ առջևից գնալ, որպեսզի ճանապարհը ցույց տամ․․․ Ահա նրանք թեքվեցին դեպի մեր բացատը․․․ Համարյա հասան նրա եզրին․․․ Դե՛, ժամանակն է։

Պրերիայի խոր լռության մեջ հանկարծ պոռթկաց մի կատաղի աղմուկ, որ ասես խելագարների տնից էր գալիս։ Վայրի հովատակների սուր վրնջոցը հիշեցնում էր կատաղի խելացնորների աղմուկ, միայն թե այս ձայները շատ ավելի ուժեղ էին։ Այդ ձայներին զուգորդում էին սմբակների դոփյունը, կոտրտվող ճյուղերի ճարճատյունն ու սուլոցը, վայրի խռխռոց, աքացիների թխկոց և ցավի ու կատաղության սուր ճիչեր։ Այդ խլացուցիչ ձայներից դողում էր շրջապատը, և ասես երկիրն էլ տատանվում էր իր ուղեծրի վրա։

Այդ զարհուր ազդող ձայները ցույց էին տալիս, թե ինչպիսի կատաղի կռիվ է ընկել վայրի հովատակների միջև։ Նրանք դեռ չէին երևում, Բայց զգացվում էր, որ մոտենում են, առաջ են խցկվում մացառուտի միջով, ոչ մի վայրկյան չդադարեցնելով իրենց կռիվը։

Դեռ նոր էր Մորիսը շարժվելու նշան տվել, երբ վայրի ձիերի խայտաբղետ երամակը երևաց երկու մացառուտների միջև ընկած նեղ անցքում։ Եվս մի վայրկյան՝ և նրանք լեռնային հեղեղի անզուսպ թափով դուրս թռան ընդարձակ բացատը։

Դա բնության մեջ գոյություն ունեցող ամենագեղեցիկ արարածների մի հեղեղ էր, որովհետև նույնիսկ մարդը պետք է առաջնությունը զիջի ձիերին։ Ես չեմ խոսում քաղաքակիրթ աշխարհի տառապյալ ձիու մասին, որի մեջքը նիհար է, ոտքերը ծուռտիկ ու գլուխը կախ, այն ձիու, որին այլանդակել է ձիապանի կամ ձիավաճառի մկրատը, ո՛չ, իմ խոսքը վերաբերում է սավաննայի վայրի ձիուն, որ ծնվել է կանաչ տարածության մեջ և մեծացել դաշտային ծաղկի նման ազատ։

Չկա ավելի հիանալի տեսարան, քան վայրի հովատակների երամակը, երբ նա արշավում է պրերիայի միջով, մանավանդ այն ժամանակ, երբ նրանց մեջ փոթորկում է կիրքը, և նրանք պատրաստ են ոչնչացնելու միմյանց։

Բայց այդ սքանչելի տեսարանը վախեցնում է մարդուն, դա այնքան սոսկալի բան է, որ տղամարդն էլ չի կարող հանգիստ դիտել, ուր մնաց վեհերոտ կինը։ Մանավանդ, եթե մարդ վայրի մուստանգների երամակին նայում է բաց տեղից և ինքն էլ նրանց հարձակման զոհը դառնալու վտանգին է ենթակա։

Ահա թե ինչ էր սպառնում աշխետ ձին նստած երիտասարդին և խատուտիկ մուստանգին նստած աղջկան։ Երիտասարդն իր փորձից գիտեր, թե որքան վտանգավոր է այդ դրությունը, իսկ աղջիկը չէր կարող չհասկանալ այդ։

― Այս կո՜ղմը,― գոչեց Մորիսը և ձիուն խթանեց՝ ուղղվելով դեպի երամակի թիկունքը։― Օ՜, սարսափ։ Նրանք նկատել են մեզ։ Շո՛ւտ, շո՛ւտ, միսս Պոյնդեքստեր։ Հիշեցեք, որ խնդիրը ձեր կյանքին է վերաբերում։

Բայց խոսքերն ավելորդ էին։ Հովատակների վարմունքը բավական համոզիչ ցույց էր տալիս, որ միայն արագությունը կարող է փրկել խատուտիկ մուստանգին ու նրա հեծյալին։

Բայց տարածություն նետվելով և թամբած ձիեր տեսնելու վայրի հովատակները հանկարծ դադարեցրին իրենց կռիվը։ Նրանք, ասես փորձված առաջնորդի հրամանով, կանգ առան, ինչպես գրոհի եռուն պահին կանգնեցրած հեծելազորային ջոկատ։

Մի պահ նրանց փոխադարձ ատելությունն ասես մոռացվեց, կարծես նրանք պատրաստվում էին հարձակվելու ընդհանուր թշնամու վրա կամ թե դիմադրելու ընդհանուր վտանգին։

Հապաղումը գուցե և զարմանքի հետևանք էր, բայց այսպես թե այնպես, փախստականների համար բարեպատեհ պահ ստեղծվեց։ Այդ մի քանի վայրկյանի ընթացքում ձիավորներին հաջողվեց շրջանցել թշնա-մուն և ընկնել նրա թիկունքը, փրկության ճանապարհը։

Բայց դա միայն փրկության ճանապարհն էր։ Կհաջողվե՞ր արդյոք նրանց հեռու սլանալ հալածողներից, դա դեռ պարզ չէր, որովհետև վայրի հովատակները, նկատելով նրանց խորամանկությունը, խռխռոցով ու վրնջոցով նետվեցին նրանց ետևից՝ հասնելու ակներև մտադրությամբ։

Մի սրընթաց, անզուսպ հետապնդում սկսվեց լայնարձակ պրերիայում, արագության հուսակտուր մի մրցություն առանց հեծյալ ձիերի և հեծյալ ունեցող ձիերի միջև։

Մերթընդմերթ Մորիսը ետ էր նայում, ու թեև այն տարածությունը, որ սկզբում շահել էին նրանք, չէր նվազում, այնուամենայնիվ, նրա դեմքն առաջվա պես տագնապ էր արտահայտում։ Եթե նա մենակ լիներ, ոչ մի րոպե չէր անհանգստանա։ Նա գիտեր, որ իր աշխետը, որը նույնպես մուստանգ էր, ոչ ոքի թույլ չի տա իրենից առաջ անցնել։ Դժբախտությունն այն էր, որ խատուտիկ մուստանգն իր վազքը դանդաղեցնում էր։ Նա ավելի դանդաղ էր սլանում, քան ուրիշ անգամներ, ասես ամենևին չէր ուզում ազատվել հետապնդողներից։

«Ի՞նչ կարող է նշանակել սա»,― տարակուսանքով մտածում էր մուստանգերը զսպելով իր ձին, որպեսզի իր ուղեկցուհուց առաջ չանցնի։― Եթե անդունդն անցնելիս հապաղեցինք, մենք կորած ենք։ Ամեն մի վայրկյանը թանկ է մեզ համար»։

― Նրանք դեռ չեն հասնում մեր ետևից, չէ՞,― հարցրեց Լուիզան, տեսնելով, որ մուստանգերն անհանգիստ է։

― Առայժմ՝ ոչ։ Դժբախտաբար մեր առջևում մի լուրջ խոչընդոտ կա։ Ես գիտեմ, որ դուք հիանալի ձիավար եք, բայց ձեր ձին․․․ Ձեր ձիուն ես վստահ չեմ։ Դուք ավելի լավ եք ճանաչում դրան։ Կարո՞ղ է ցատկել․․․

― Ինչի՞ վրայով, սըր։

― Հիմա դուք կտեսնեք։ Մենք արդեն հեռու չենք այդտեղից։

Նրանք շարունակում էին քառատրոփ սլանալ կողք կողքի՝ մի րոպեում կտրելով համարյա մեկ մղոն տարածություն։

Ինչպես ասել էր մուստանգերը, նրանք շուտով հասան խոչնդոտին։ Դա մի անդնդախոր ճեղքվածք էր, որ սևին էր տալիս անծայրածիր պրերիայում։ Այդ ճեղքվածքը մոտ տասնհինգ ոտնաչափ լայնություն ուներ, նույնքան էլ խորություն և երկու կողմերի վրա ձգվում էր որքան աչքդ կտրի։

Եթե ձիավորները դեպի աջ կամ ձախ թեքվեին, դա հովատակներին հնարավորություն կտար շեղակի ընթանալով կրճատել իրենց ճանապարհը։ Այդ առավելությունը նրանց տալը հավասար էր ինքնասպանության։

Հարկավոր էր ճեղքվածքը կտրել-անցնել, հակառակ դեպքում մուստանգները կհասնեին։ Միայն տասնհինգ ոտնաչափ ոստյուն գործելը կարող էր փրկել փախստականներին։ Մորիսը գիտեր, որ աշխետը չի վարանի, նա շատ անգամ էր այդպիսի ոստյուն գործել։ Բայց խատուտիկ զամբի՞կը։

― Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք ձեր ձին հաղթահարել այս արգելքը,― անհանգստացած հարցրեց մուստանգերը, երբ մոտեցան անդունդի եզրին։

― Չեմ կասկածում,― վստահ պատասխանեց Լուիզան։

― Իսկ դուք կդիմանա՞ք նրա վրա։

― Հա՛-հա՛-հա՛,― հեգնաբար ծիծաղեց կրեոլուհին։― Դա շատ տարօրինակ հարց է իռլանդացու համար։ Ես համոզված եմ, որ ձեր հայրենակից կանայք վիրավորանք կհամարեին այդ խոսքերը։ Նույնիսկ ես, որ ճահճոտ Լուիզիանայի ծնունդ եմ, շատ էլ սիրալիր չեմ համարում այդ հարցումը։ Կդիմանա՞մ՝ ասում եք։ Ես կդիմանամ նրա վրա, ուր էլ տանելու լինի ինձ։

― Բայց, միսս Պոյնդեքստեր,― թերահավատությամբ շարունակեց մուստանգերը,― եթե հանկարծ չկարողանա ոստնե՞լ։ Եթե դուք գեթ մի կաթիլ կասկած ունեք, ավելի լավ չէ՞ թողնենք դրան։ Ես գիտեմ, որ իմ ձին երկուսիս էլ ողջ ու առողջ կանցկացնի մյուս կողմը։ Եթե մենք մուստանգը զոհաբերենք, երևի հետագա հետապնդումից էլ կազատվենք։ Վայրի հովատակները․․․

― Խատուտիկը թողնե՞լ։ Թողնել, որ կատաղած հովատակները պատառ-պատա՞ռ անեն նրան։ Ոչ, ո՛չ, միստր Ջերալդ։ Իմ մուստանգը շատ թանկ է ինձ համար։ Մենք միասին կոստնենք անդունդի վրայով, եթե միայն կարողանանք։ Եթե ոչ, միասին էլ մեր վիզները կկոտրենք․․․ Դե՛, իմ հրեղե՜ն, թռչե՛նք։ Ահա նա, ով բռնել է քեզ ու հնազանդեցրել։ Ցույց տուր նրան, որ դու դեռ բոլորովին ստրկացած չես, որ դու, եթե հարկավոր է, կարող ես քո վրայից ցած գցել բարեկամական կամ թշնամական լուծը։ Ցույց տուր նրան այն ոստյուններից մեկը, որ ես ու դու այնքան հաճախ գործում էինք վերջին շաբաթվա ընթացքում։ Դե՛, սիրելիս, թռչե՛նք։

Եվ խիզախ կրեոլուհին, չսպասելով խրախուսիչ օրինակին, համարձակորեն նետվեց դեպի սևին տվող ճեղքվածքի եզրը և հաղթահարեց այդ արգելքը այնպիսի մի ոստյունով, որպիսիք խատուտիկի հետ «այնքան հաճախ գործել էին վերջին շաբաթվա ընթացքում»։

Երբ մուստանգերը դիտում էր այդ ոստյունը, նա երեք միտք ուներ, ավելի ճիշտ՝ երեք զգացմունք։ Առաջինը զարմանքն էր, երկրորդը հիացմունքը, իսկ երրորդը այնքան էլ հեշտ չէ որոշել։ Այս վերջին զգացմունքը ծնունդ առավ, երբ հնչեցին աղջկա խոսքերը՝ «Իմ մուստանգը շատ թանկ է ինձ համար»։

«Ինչո՞ւ»,― մտածում էր նա, երբ իր աշխետով ոստնում էր վիհի վրայով։

Բայց, որքան էլ հաջողությամբ հաղթահարվեց խոչընդոտը, փախստականների անվտանգությունն ապահովված չէր։

Վայրի հովատակներին էլ այդ ճեղքվածքը կանգնեցնել չէր կարող։ Մորիսն այդ լավ գիտեր և ետ էր նայում ոչ պակաս տագնապով, քան առաջ։

Գուցե և նա ավելի շատ էր անհանգստացած։ Ճեղքվածքի առաջ թեկուզև շատ աննշան հապաղումը առավելություն էր տվել հետապնդողներին։ Հետապնդման ամբողջ ժամանակամիջոցում դեռ երբեք հովատակներն այդքան մոտիկ չէին եղել։ Նրանք առանց հապաղելու կոստնեն անդունդի վրայով։

Եվ ի՞նչ կլինի այն ժամանակ։ Մուստանգերն ինքն իրեն տվեց այս հարցը և պատասխան չգտնելով սփրթնեց։

Խոչընդոտը հաղթահարելուց հետո մուստանգերը ոչ մի վայրկյան կանգ չառավ, այլ շարունակեց քառատրոփ արշավել։ Նրա ետևից, առաջվա պես բոլորովին մոտիկ, սուրում էր նրա ուղեկիցը։ Սակայն իռլանդացու շարժումների մեջ առաջվա վստահությունը չկար․ թվում էր, թե նա տատանվում է և ոչ մի կերպ որոշման հանգել չի կարողանում։

Վիհից մի փոքր հեռանալուց հետո Մորիսը սանձը քաշեց և իր ձին շուռ տվեց, ասես որոշել էր ետ արշավել։

― Միսս Պոյնդեքստեր,― դարձավ նա դեռատի աղջկան, որն արդեն հավասարվել էր նրան,― դուք մենակ առաջ գնացեք։

― Ինչո՞ւ, սըր,― հարցրեց աղջիկը, ձիգ տալով սանձը և կանգնեցնելով իր մուստանգը։

― Եթե մենք չբաժանվենք, հովատակները մեզ կհասնեն։ Հարկավոր է որևէ բան ձեռնարկել գազազած երամակը կանգնեցնելու համար։ Հիմա դեռ մի հնարավորություն կա։ Ի սեր Աստծու հարցեր չտաք։ Եթե մի տասը վայրկյան էլ կորցնենք՝ արդեն ուշ կլինի։ Նայեցեք առաջ, տեսնո՞ւմ եք ջրի փայլուն մակերեսը։ Դա լճակ է։ Շտապեցեք ուղիղ այնտեղ։ Դուք այնտեղ կընկնեք երկու բարձր ցանկապատերի միջև։ Լճակի մոտ այդ ցանկապատերը միանում են։ Դուք կտեսնեք մի դարբաս և նրա մոտ ձողեր։ Եթե ես ձեր ետևից չհասա, արշավեցեք ուղիղ այդ ցանկապատի մեջ, ձիուց իջեք և մուտքը փակեցեք ձողերով,

― Իսկ դո՞ւք, սըր։ Դուք մեծ վտանգի եք ենթարկվում․․․

― Իմ մասին մի՛ անհանգստացեք։ Ինձ համար սա մեծ վտանգ չէ։ Եթե խատուտիկ մուստանգը չլինի․․․ Բայց շո՞ւտ, շտապեցեք։ Լճակը միշտ ձեր աչքի առաջ ունեցեք։ Նա ձեզ համար որպես փարոս կծառայի։ Չմոռանաք ցանկապատի մուտքը ձողերով փակել։ Դե՛, շուտ, մի՛ ուշացեք։

Աղջիկը մեկ-երկու վայրկյան տատանվում էր․ նա չէր ուզում բաժանվել մի մարդուց, որն իրեն փրկելու համար վտանգի է ենթարկում իր սե-փական կյանքը։

Բարեբախտաբար նա այն վախկոտ աղջիկներից չէր, որոնք դժվարին րոպեին գլուխները կորցնում են և դեպի հատակն են քաշում իրենց փրկչին։ Նա հավատում էր իր խորհրդատուի ուժին, հավատում էր, որ նա գիտե, թե ինչ է անում, և նորից ձին բաց թողեց ու քառատրոփ արշավեց դեպի լճակը։

Իսկ Մորիսը իր ձին շուռ տալով արշավեց ետ, դեպի վիհը, որի վրայով հենց նոր անցել էին։

Իր ուղեկցուհուց բաժանվելուց հետո մուստանգերը թամբի պայուսակից հանեց ամենակատարելագործված զենքը, որ երբևիցե բարձրացվել է պրերիայի բնակիչների դեմ հարձակման կամ պաշտպանության համար՝ հնդկացիների, բիզոնների, արջերի դեմ։ Դա գնդապետ Կոլտի սիստեմի վեց կրականոց ատրճանակ էր։ Ոչ թե Դինի, Ադամսի կամ դրանց նմանների ֆիրմայի կեղծիք, այլ «մշկընկույզի երկրի»[40] իսկական արտադրություն՝ «Հարտֆորդ» պիտակով։

«Հովատակներն էլ կցատկեն մեր անցած տեղով,― մրմնջում էր նա, հետևելով վայրի երամակին, որը դեռևս ճեղքվածքի մյուս կողմում էր։― Եթե ինձ հաջողվի նրանցից գեթ մեկին ցած գլորել, դա մյուսներին էլ կարող է կանգնեցնել կամ այնքան կուշացնի, որ խատուտիկ մուստանգը հեռու կսլանա։ Նրանց առաջնորդն ահա այն աշխետ հովատակն է։ Նա, իհարկե, առաջինը կոստնի։ Իմ ատրճանակը խփում է հարյուր քայլի վրա։

Հազիվ էին հնչել այս վերջին խոսքերը, երբ լսվեց ատրճանակի որոտը։ Հովատակներից ամենամեծը՝ խատուտիկ ձին, գետին տապալվեց և իր մարմնով փակեց մյուսների ճանապարհը։ Նրա ետևից արշավող մուստանգներից մի քանիսը կանգ առան, ապա կանգ առավ նաև ամբողջ երամակը։

Մուստանգերը չուզեց հետևել հովատակների հետագա անելիքներին և այլևս չկրակեց։ Օգտվելով ձիերի շփոթությունից և առանց մի րոպե կորցնելու, նա ձիու գլուխը շուռ տվեց դեպի արևմուտք և սլացավ խատուտիկ մուստանգի ետևից, որն արդեն մոտենում էր փայլփլուն լճակին։

Վայրի հովատակներն այլևս հետապնդումը չշարունակեցին։ Հնարավոր է, որ իրենց առաջնորդի կործանումը շփոթեցրեց նրանց, կամ գուցե նրա լեշը խոչընդոտի դեր կատարեց, ճանապարհը փակելով այն միակ տեղում, որտեղ կարելի էր անդունդի վրայով ոստնել։

Մորիսը հանգիստ արշավեց իր ուղեկցուհու ետևից։

Նա նրան հասավ հենց լճակի մոտ։ Աղջիկը ճշտորեն կատարել էր երիտասարդի բոլոր ասածները, բացառությամբ մեկ բանի․ մուտքը բաց էր, իսկ ձողերը թափված էին գետնին։ Աղջիկը դեռ նստած էր թամբին, բայց տագնապն այլևս չէր տանջում նրա սիրտը։ Սակայն նա խոսքեր չէր գտնում Մորիսին իր շնորհակալությունն արտահայտելու համար։

Վտանգն անցած էր։

Գլուխ XVII․ Մուստանգների ծուղակը

Այժմ, երբ արդեն վտանգն անցել էր, դեռատի կրեոլուհին հետաքրքրությամբ շուրջը նայեց։

Նա տեսավ մի փոքրիկ լիճ, որի ափերը փորփրված էին ձիերի սմբակների անթիվ-անհամար հետքերով։ Երևում էր, որ դա մուստանգների ամենասիրած տեղն է ջուր խմելու համար։ Ձողերից շինված մի բարձր ցանկապատ ընդգրկում էր այդ լճակը, ապա նրա երկու թևերը խրվում էին տափաստանի մեջ, առաջացնելով ձագարի նման մի բան, որի բկում էլ գտնվում էր դարբասը։ Երբ այդ դարբասը ձողերով փակում էին, դրանով իսկ փակվում էր ամբողջ ցանկապատը, և ձիերն այլևս ոչ ներս մտնել կարող էին, ոչ դուրս գալ։

― Սա ի՞նչ բան է,― հարցրեց աղջիկը, ցույց տալով ցանկապատը։

― Սա մուստանգների ծուղակն է,― ասաց Մորիսը։

― Մուստանգների ծուղա՞կ։

― Ծուղակ՝ վայրի մուստանգներ որսալու համար։ Նրանք թափառում են ցանկապատի թևերի միջև, որոնք, ինչպես տեսնում եք, լայն բացվածքով ձգվում են հեռու, դեպի պրերիան։ Նրանց այստեղ ջուրն է հրապուրում, կամ թե ուղղակի մուստանգերներն են քշում բերում դեպի այս նեղ տեղը։ Եվ երբ մուստանգները հավաքվում են այստեղ, ցանկապատի մուտքը փակում են, որից հետո դժվար չէ նրանց բռնել լասոոյի օգնությամբ։

― Խե՜ղճ կենդանիներ․․․ Այս ծուղակը ձե՞զ է պատկանում։ Չէ՞ որ մեզ ասացիք, որ դուք էլ մուստանգեր եք։

― Այո, ես մուստանգեր եմ, բայց այս եղանակով որս չեմ անում։ Ես մենակություն եմ սիրում, և քիչ է պատահում, որ ուրիշ մուստանգերների հետ աշխատեմ, դրա համար էլ չեմ կարող օգտվել այս հարմարանքից, որի համար մուստանգներին քշող առնվազն քսան մարդ է հարկավոր։ Իմ զենքը, եթե միայն կարելի է այդպես անվանել, ահա այս լասսոն է։

― Դուք այնքա՜ն հմտորեն եք տիրապետում դրան։ Ես արդեն լսել եմ այդ և ինքս էլ տեսել։

― Դուք շատ սիրալիր եք։ Բայց ես արժանի չեմ դրա գովասանքին։ Պրերիայում կան մեքսիկացիներ, որոնք ասես ծնվել են լասսոն ձեռքներին։ Եվ այն, ինչ դուք հմտություն եք համարում, նրանց պարզապես անշնորհքություն կթվար։

― Ինձ թվում է, միստր Ջերալդ, որ համեստությունն է ձեզ ստիպում գերագնահատել ձեր մրցակիցներին։ Ես ճիշտ հակառակն եմ լսել։

― Ումի՞ց։

― Ձեր բարեկամ միստր Զեբուլոն Ստումպից։

― Հա՛-հա՛-հա՛։ Ծերունի Զեբը վատ հեղինակություն է, երբ հարցը վերաբերում է լասսոյին։

― Ես էլ կցանկանայի սովորել լասսո գործածել,― ասաց դեռատի կրեոլուհին,― բայց ասում են՝ աղջկա համար դա վայել զբաղմունք չէ։ Չեմ հասկանում, թե ինչ վատ բան կա դրա մեջ, այնինչ որքա՜ն հետաքրքիր է։

― Վայել չէ՞։ Դա նույնպիսի անմեղ սպորտ է, ինչպես սահուկավազքը կամ նետաձգությունը։ Ես ճանաչում եմ մի աղջկա, որը հիանալի տիրապետում է այդ գործին։

― Ամերիկուհի՞ է նա։

― Ոչ, մեքսիկուհի, և ապրում է Ռիո Գրանդեի մոտերքում։ Երբեմն նա գալիս է այստեղ, Լեոնայի ափերը, նրա ազգականներն այստեղ են ապրում։

― Իսկ նա ջահե՞լ է։

― Այո, մոտավորապես ձեր տարիքին, միսս Պոյնդեքստեր։

― Բարձրահասա՞կ է։

― Ձեզնից մի քիչ ցածր։

― Բայց, իհարկե, ինձանից ավելի գեղեցիկ։ Ես լսել եմ, որ մեքսիկուհիներն իրենց գեղեցկությամբ շատ են գերազանցում մեզ համեստ ամերիկուհիներիս։

― Ինձ թվում է, որ կրեոլուհիներն այդ ամերիկուհիների կարգը չեն դասվում,― նրբանկատ քաղաքավարությամբ պատասխանեց իռլանդացին։

― Հետաքրքիր է, կարո՞ղ եմ ես սովորել լասսո նետել,― շարունակեց դեռատի կրեոլուհին, ձևացնելով, թե չի նկատել իրեն արված հաճոյախոսությունը։― Ինձ համար ուշ չէ՞ սկսել։ Ես լսել եմ, որ մեքսիկուհիներն այդ գործն սկսում են մանկությունից, դրա համար էլ այդպիսի զարմանալի ճարպկության են հասնում։

― Իհարկե ուշ չէ,― շտապեց պատասխանել Մորիսը։― Կանցնի մեկ-երկու տարի, և դուք կսովորեք հիանալի նետել լասսոն։ Ես, օրինակ, ընդամենը երեք տարի է, ինչ զբաղվում եմ այդ գործով, և նա լռեց, որովհետև չէր ուզում պարծենկոտ երևալ։

― Իսկ հիմա դուք ամբողջ Տեխասում ամենից լա՞վ եք տիրապետում լասսոյին,― ավարտեց խոսակիցը, գուշակելով երիտասարդի կիսատ թողած միտքը։

― Ո՛չ, ո՛չ,― ծիծաղելով առարկեց Մորիսը։― Այդ ծերունի Ջեբն է այդպես համարում, իսկ նա իմ հմտության մասին, հավանորեն, դատում է օրինակ վերցնելով իր հմտությունը։

«Սա ի՛նչ է, համեստությո՞ւն,― մտածեց կրեոլուհին,― թե՞ այս մարդն ուղղակի ծիծաղում է վրաս։ Բայց եթե այդպես է, ես կխելագարվեմ»։

― Գուցե դուք կուզենայիք վերադառնալ ձեր բարեկամների մոտ,― ասաց Մորիսը, նկատելով նրա մտահոգությունը։― Ձեր հայրը երևի արդեն անհանգստանում է, որ այսքան երկար ժամանակ չեք երևում։ Ձեր եղբայրը, ձեր հորաքրոջ որդին․․․

― Այո, դուք իրավացի եք,― շտապեց պատասխանել աղջիկը այնպի-սի մի եղանակով, որը չգիտես վիրավորա՞նք էր արտահայտում, թե՝ սրտնեղություն։ Ես դրա մասին չէի մտածել։ Շնորհակալ եմ, սըր, որ ինձ հիշեցրիք իմ պարտականությունը։ Ժամանակն է վերադառնալու։

Նրանք նորից ձիերը հեծան։ Լուիզան մի տեսակ մտամոլոր ձեռքն առավ սանձափոկը, ասպանդակները դանդաղորեն ոտքերին անցկացրեց։ Թվում էր, թե նա ուզում է էլի մի քիչ մնալ մուստանգների այդ ծուղակում։

*  *  *



Երբ նրանք նորից դուրս եկան պրերիա, Մորիսն իր ուղեկցուհու հետ դեպի խնջույքի վայրն ուղղվեց ամենակարճ ճանապարհով։

Նրանց վերադարձի ճանապարհն անցնում էր մի գեղատեսիլ դաշտով, որը Տեխասում հայտնի է «մոլախոտերի պրերիա» անունով։ Այդպես են կոչել Ամերիկայի առաջին գաղութարարները, որոնց բառապաշարն աչքի չէր ընկնում մի առանձին նրբությամբ։

Լուիզիանացի աղջիկն իր շուրջը տեսնում էր մի հսկայական այգի, որտեղ ծաղկել էին բազմաթիվ գույնզգույն վառ ծաղիկներ, մի այգի, որը տնկել ու աճեցրել էր ինքը՝ բնությունը, և որի սահմանները հասնում էին մինչև կապուտակ երկնակամարը։

Այդ գեղատեսիլ վայրը վեհացնող ազդեցություն էր ունենում շատ ու շատ նույնիսկ ամենապրոզայիկ մարդկանց վրա։ Ես տեսել եմ, թե ինչպես անգրագետ գազանորսը, որը սովորաբար ոչ մի գեղեցկություն չէր նկատում, կանգ էր առել մոլախոտերի պրերիայում, իր կրծքին հասնող ծաղիկների մեջ և երկար-երկար հիացած դիտում էր անծայրածիր ծաղկաստանը։ Եվ նրա սիրտն ավելի զգայուն էր դառնում․․ ․ ― Ինչ սքանչելի գեղեցկություն,― հիացմունքով բացականչեց կրեոլուհին՝ ակամա շարժումով կանգնեցնելով իր ձին։

― Ձեզ դո՞ւր է գալիս այս տեսարանը, միսս Պոյնդեքստեր։

― Դուր գա՞լ։ Շատ ավելին, սըր։ Ես իմ առաջ տեսնում եմ այն, ինչ ամենագեղեցիկն է բնության մեջ․ կանաչ խոտ, ծառեր, ծաղիկներ, այն ամենը, ինչ այնքան դժվարությամբ է աճեցնում մարդը, և այնուամենայնիվ նա երբեք չի կարողանում հասնել այսպիսի գեղեցկության։ Այստեղ ոչ մի բան ավելացնել չի կարելի․ բնության այս պատառը անբասիր է իր կատարելությամբ։

― Այստեղ պակասում են տները։

― Բայց տները կաղճատեին տեսարանի գեղեցկությունը։ Ինձ դուր է գալիս, որ չեն երևում տներ ու նրանց կղմինդրածածկ տանիքները, և ծխնելույզներ չեն ցցվել այս չքնաղ ծառերի մեջ։ Ես կուզենայի նրանց հովանու տակ ապրել և նրանց հովանու տակ էլ․․․

«Սիրել» բառը, որ ճախրում էր նրա մտքի մեջ, պատրաստ էր դուրս թռչելու շուրթերից։

Բայց ժամանակին զսպեց իրեն և այդ բառը փոխարինեց բոլորովին ուրիշ նշանակությամբ «մեռնել» բառով։

Երիտասարդ իռլանդացու կողմից դաժանություն կլիներ չխոստովանել աղջկան, որ ինքն էլ նույն բանն է զգում։ Հենց դրանով էլ բացատրվում էր, որ նա գտնվում էր պրերիայում։ Եթե չունենար նույնպիսի հրապուրանք, որը համարյա մոլության էր հասնում, նա երևի երբեք «-Մորիս մուստանգեր» չէր դառնա։

Ռոմանտիկ զգացմունքը կեղծավորության հետ հաշտվել չի կարող։ Նա շուտով կչքանա, եթե հենարան չգտնի կյանքում։ Մուստանգերի համար հաճելի չէր նույնիսկ ինքն իրեն խոստովանել, որ ինքը վայրի ձիեր է որսում միմիայն ժամանակ անցկացնելու, համար, նրա համար, որ պատճառ ունենա պրերիայից չհեռանալու։ Սկզբում գուցե և նա համաձայներ այդպիսի խոստովանություն անելու, բայց վերջին ժամանակներս տոգորվել էր պրոֆեսիոնալ որսորդի հպարտությամբ։

Նրա պատասխանը հնչեց պրոզայիկ ու պաղ․

― Ես վախենում եմ, միսս, որ ձեզ շուտով կձանձրացներ այդպիսի դաժան կյանքը՝ առանց տան, առանց հասարակության, առանց․․․

― Իսկ ձե՞զ, սըր, ինչպե՞ս է, որ ձեզ չի ձանձրացնում։ Ձեր բարեկամ միստր Ստումպն ինձ ասում էր, թե արդեն մի քանի տարի է, ինչ դուք այդպիսի կյանք եք վարում։ Ճշմարի՞տ է։

― Միանգամայն ճշմարիտ․ ուրիշ կյանք ինձ չի հրապուրում։

― Օ՜, որքա՜ն կուզենայի ես էլ նույնն ասել։ Ինչպե՜ս եմ նախանձում ձեզ։ Համոզված եմ, որ ես անսահման երջանիկ կլինեի այսպիսի չքնաղ բնության ծոցում։

― Մեն մենա՞կ։ Առանց բարեկամների՞։ Նույնիսկ մի տուն չունենալո՞վ։

― Ես այդպես չասացի․․․ Բայց դուք էլ ինձ չեք ասել, ինչպես եք ապրում։ Տուն ունե՞ք դուք։

― Իմ կացարանն արժանի չէ այդպիսի մեծադղորդ անվան,― ժպիտով պատասխանեց մուստանգերը։― Իմ խրճիթը, ավելի ճիշտ՝ իմ հյուղը, ամենահամեստ կացարաններից մեկն է մեր կողմերում։

― Իսկ որտե՞ղ է գտնվում այն։ Մեր այսօրվա եղած տեղերից շա՞տ է հեռու։

― Այստեղից շատ էլ հեռու չէ․ ամենաշատը՝ մեկ մղոն․․․ Ահա այն կողմը, արևմուտքում, տեսնո՞ւմ եք ծառերի կատարները։ Նրանք իմ խրճիթը ծածկում են արևից և պաշտպանում փոթորիկներից։

― Իսկապե՞ս։ Ինչպե՜ս կուզենայի տեսնել։ Հասարակ խրճի՞թ ասում եք։

― Այո։

― Եվ մենավո՞ր, առանձնացա՞ծ։

― Նրա շրջակայքում մինչև տասը մղոն հեռավորությամբ չկա և ոչ մի տուն։

― Ծառերի մե՞ջ է, գեղատեսիլ տե՞ղ։

― Այդ արդեն նայած ով ինչպես է հավանում։

― Ես կուզենայի տեսնել այն, որպեսզի իմ կարծիքն ունենամ։ Ասում եք ընդամենը մի մղո՞ն է հեռու այս տեղից։

― Մի մղոն գնալը, մի մղոն գալը, ընդամենը՝ երկու մղոն։

― Դատարկ բան է․ դա քսան րոպեից ավելի չի տևի։

― Ես վախենում եմ, որ մենք չարաշահած կլինենք ձեր հարազատների համբերությունը․․․

― Գուցե ուզում եք ասել ձեր հյուրասիրությո՞ւնը։ Ներեցեք, միստր Ջերալդ,― շարունակեց դեռատի աղջիկը, և մի թեթև ստվեր մռայլեց նրա դեմքը,― ես դրա մասին չէի մտածել։ Երևի դուք մենակ չե՞ք ապրում։ Ձեր խրճիթում էլի մի ուրիշը կա՞։

― Օ՜, այո՛։ Ես այստեղ մենակ չեմ ապրում։ Ինձ հետ․․․

Նախքան մուստանգերն իր խոսքը կավարտեր, Լուիզայի երևակայությանը պատկերացավ նրա բարեկամը՝ իր տարիքի մի աղջիկ՝ միայն ավելի լիքը, բրոնզագույն դեմքով, նշի պես երկարավուն աչքերով։ Երևի նրա ատամները մարգարտից էլ ճերմակ են, այտերը վառ կարմիր, մազերը Կաստրոյի ագիի նման, ուլունքաշարը վզին, ապարանջանները ձեռքերին ու ոտքերին, հագին գեղեցիկ ասեղնագործված կարճ շրջազգեստ, փոքրիկ ոտքերին ծոպավոր մոկասիններ։ Այսպես էր պատկերացնում Լուիզան մուստանգերի խրճիթի երկրորդ բնակչին։

― Գուցե թե հյուրերի ներկայությունն այնքան էլ հարմար չի՞ լինի, մանավանդ, երբ հյուրն անծանոթ մարդ է։

― Ոչ, ընդհակառակը։ Նա միշտ ուրախ է լինում, երբ հյուր է գալիս, ծանոթ մարդ լինի նա, թե բոլորովին օտար։ Իմ կաթնեղբայրը շատ սրտաբաց մարդ է, բայց հիմա քիչ է պատահում, որ մարդու երես տեսնի խեղճը։

― Ձեր կաթնեղբա՞յրը, ասացիք։

― Այո։ Նրան կոչում են Ֆելիմ Օ’Նիլ։ Նա ևս, ինչպես ես, Զմրուխտե կղզու[41] ծնունդ է, Հոլվեյան կոմսությունից, միայն թե նրա իռլանդական առոգանությունն իմից էլ վատ է։

― Օ՜, ինչպե՜ս կուզենայի լսել նրան։ Ասում են` հոլվեյան բարբառը շատ յուրահատուկ է։ Ճշմարի՞տ է։

― Ինձ համար դժվար է դրա մասին մի բան ասել, քանի որ ես ինքս էլ հոլվեացի եմ։ Բայց եթե դուք համաձայն եք մի կես ժամով օգտվել Ֆելիմի հյուրընկալությունից, ապա կարող եք ձեր սեփական կարծիքը կազմել դրա մասին։

― Մե՛ծ բավականությամբ։ Դա այնպիսի՜ նորություն կլինի ինձ համար։ Թող հայրիկն ու մյուսները մի քիչ էլ սպասեն։ Այնտեղ առանց ինձ էլ շատ տիկիններ կան, իսկ երիտասարդները թող շարունակեն մեր հետքերը որոնել։ Դա պակաս հետաքրքիր չի լինի, քան խոստացված մուս-տանգների որսը։ Իսկ ես ուրախությամբ կօգտվեմ ձեր հրավերից։

― Վախենում եմ, որ իմ հյուրասիրությունը շատ համեստ է լինելու, Ֆելիմը մի քանի օր մենակ է եղել։ Դե նա ինքը որսորդ չէ, և երևի մեր մառանը դատարկ է։ Դեռ լավ է, որ ձեր այս սոսկալի արշավից առաջ մի բան կերաք։

Իհարկե, Ֆելիմի մառանը չէր, որ Լուիզա Պոյնդեքստերին ստիպում էր փոխել իր ճանապարհը։ Ոչ էլ իռլանդացու կոտրտված խոսքն էր շատ հետաքրքրում նրան, կամ թե մուստանգերի կացարանը տեսնելու ցանկությունը։ Նրան այնտեղ էր մղում մի զգացմունք, որին նա դիմադրել չէր կարող, ասես հավատում էր, որ դա իր ճակատագիրն է։

*  *  *



Լուիզան այցելեց Ալամոյի ափի մենավոր խրճիթը, եղավ նրա հարկի տակ։ Նա հետաքրքրությամբ էր դիտում այդ յուրօրինակ կացարանը և գոհունակությամբ տեսավ, որ այնտեղ կան գրքեր, թուղթ, գրենական պիտույքներ և այլ բաներ, որոնք վկայում էին, որ խրճիթի տերը կրթված մարդ է։ Ակներև բավականությամբ էր լսում նա Ֆելիմի զվարճալի զրույցը։ Չհրաժարվեց նաև ամեն տեսակ հյուրասիրությունից, բացառությամբ նրանից, որ ամենից ավելի էին հորդորում փորձել, մի կաթիլ թարմացնող խմիչքից՝ «ահա այս շշից»․ Եվ վերջապես այնտեղից դուրս եկավ ուրախ ու զվարթ։

Բայց նրա զվարթությունն անցողիկ էր։ Նոր տպավորությունների հարուցած բարձր տրամադրությունը չքացավ։ Նորից ծաղկազարդ պրերիան ընկնելով՝ սկսեց, մտածել այդ օրվա անցուդարձի մասին։ Եվ ահա նրա մեջ ծագեց մի միտք, որը տանջող պաղությամբ պատեց նրա սիրտը։

Ի՞նչն էր տանջում նրան։ Արդյոք ա՞յն, որ իր հորը, եղբորը և բարեկամներին ստիպել է այդքան երկար անհանգստանալ իր մասին։ Կամ գուցե անհանգստանում էր, մտածելով, թե իր վարմունքը թեթևամտություն կհամարեն։

Ո՛չ, այդ չէր տանջում Լուիզային։ Նրա դեմքը մռայլող ամպը առաջացել էր մի ուրիշ, ավելի ծանր ճնշող մտքից։ Այդ ամբողջ օրվա ընթացքում, ամրոցից մինչև խնջույքի վայրը հասնելը, բացատում հանդիպելիս, վայրի հովատակների զարհուրելի հալածանքից փախչելիս, երբ Մորիսն իր պաշտպանն էր, լճակի մոտ հանգստանալու րոպեներին, պրերիայում, վերադարձի ճանապարհին, նրա համեստ հարկի տակ՝ այդ ամբողջ ժամանակամիջոցին Մորիս Ջերալդը միայն և միայն մի քաղաքավարի ուղեկից էր եղել և ուրիշ ոչինչ։

Գլուխ XVIII․ Խանդը քայլում է հետքերով

Լուիզային փրկելու համար առաջ նետված քառասուն ձիավորներից քչերը միայն կարողացան հեռու գնալ։ Տեսողությունից կորցնելով վայրի ձիերի երամակը, խատուտիկ մուստանգն ու մուստանգերին՝ նրանք սկսեցին կորցնել նաև իրար։ Շուտով ձիավորները պրերիայով մեկ ցրվեցին մեկ-մեկ, զույգ-զույգ կամ երեք-չորս հոգուց կազմված խմբերով։ Նրանցից շատերը հետախույզի փորձ չունենալով՝ մանադայի հետքը կորցրին և առաջ գնացին բոլորովին ուրիշ հետքով, որ գուցե և նույն մանադան էր թողել, միայն թե առաջներում։

Դրագունները, որոնց գլխավորում էր Ուեյտ-Պոյնտեյի զինվորական ուսումնարանը հենց նոր ավարտած մի երիտասարդ սպա, նույնպես երամակի հետքը կորցրին և թեքվեցին հին հետքերի մի ճյուղավորությամբ։ Հյուրերի մեծ մասն էլ շարժվեց դրագունների ետևից։

Նրանք գնում էին բլրաշատ պրերիայով, որը տեղ-տեղ կտրտված էր թփուտի շերտերով։ Մացառուտներն ու բլուրները ծածկում էին ձիավորներին, և շուտով նրանք իրար կորցրին։ Հետապնդումի սկզբից մի քսան րոպե անց՝ երկնքում ճախրող թռչունը կարող էր տեսնել մոտ հիսուն ձիավո, որոնք, ըստ երևույթին դուրս էին եկել միևնույն տեղից, բայց հիմա արշավում էին տարբեր կողմեր։

Միայն մեկ ձիավոր ճիշտ ուղղությամբ էր գնում։ Նա հեծել էր մի շիկավուն ուժեղ ձի, որը, ճիշտ է, առանձնապես գեղեցիկ չէր, բայց տոկուն էր ու արագավազ։ Կիսազինվորական ձևի կապույտ բաճկոնն ու կապույտ գլխարկը վկայում էին, որ այդ ձիավորը ոչ այլ ոք է, քան պաշտոնաթող կապիտան Կասսի Կոլհաունը։ Նա էր, որ իր ձին քշում էր ճիշտ հետքերով։ Մտրակով ու խթաններով Կոլհաունը իր ձիուն ստիպում էր վազել ամբողջ թափով։ Հենց նրան իրեն էլ քշում էր խթաններից էլ սուր մի միտք, որը նրան ստիպում էր լարել բոլոր ուժերը, որպեսզի հասնի նպատակին։

Քաղցած թազիի նման նա սլանում էր հետքերով, գլուխն առաջ մեկնած, հուսալով, որ իր ջանքերի համար կվարձատրվի։

Նա նույնիսկ ինքը ինչպես հարկն է չէր պատկերացնում, թե ինչի կհասցնի այդ, և միայն այն չարագույժ հայացքներից, որ նա մերթ ընդ մերթ գցում էր պատյանից դուրս ցցված ատրճանակի կոթին, կարելի էր գլխի ընկնել, որ նա մի ինչ-որ չար բան է որոշել։

Եթե չլիներ մի հանգամանք, Կոլհաունն էլ կմոլորվեր մյուսների պես։ Նրան առաջ էին տանում երկու ձիերի լավ ծանոթ հետքերը։ Հետքերից մեկը, որ ավելի մեծ էր, նա հիշում էր տանջալից կատաղությամբ։ Այդ հետքը նա տեսել էր խանձված պրերիայում։ Ինչ-որ մի բան այն ժամանակ նրան ստիպել էր լավ հիշել այդ հետքը, և այժմ նա լավ էր ճանաչում այն։

Վերջապես պաշտոնաթող կապիտանը հասավ մացառուտին և շուտով դուրս եկավ այն բացատը, որտեղ այնպես անսպասելիորեն կանգ էր առել խատուտիկ մուստանգը։ Մինչև այդտեղ հասնելը դժվար չէր եղել կողմնորոշվել, բայց այստեղ կապիտանը փակուղու մեջ ընկավ։ Վայրի զամբիկների սմբակների հետքերի մեջ դեռ երևում էին պայտի հետքերը, բայց այստեղ արդեն ձիերը քառատրոփ չէին վազել։ Ձիավորներն այստեղ կանգ էին առել կողք կողքի։

Հիմա ո՞ր կողմը գնալ։ Մանադայի հետքերի մեջ այլևս պայտած սմբակների հետքեր չէին նշմարվում։ Եվ ընդհանրապես նրանք ոչ մի տեղ չէին երևում։ Շուրջը գետինը պինդ էր և մանր քարերով ծածկված։ Միայն արագ քառատրոփով արշավող ձին կարող էր այդտեղ հետք թողնել, բայց ո՛չ հանդարտ վարգով վազողը։

Երբ խատուտիկ մուստանգն ու աշխետը այդտեղից շարժվել էին, մի քանի տասնյակ յարդ գնացել հանդարտ քայլով և հետո միայն քառատրոփ արշավել ուղղվելով դեպի վայրի ձիերի ծուղակը։

Անհամբեր հետապնդողը շշմել էր։ Նա շարունակ պտույտներ էր գործում վայրի ձիերի հետքերի մեջ և նորից վերադառնում իր տեղը, չկարողանալով որոշել, թե որ ուղղությամբ են գնացել պայտած ձիերը։

Նա բոլորովին շշմել էր և արդեն սկսել էր խիստ անհանգստանալ, երբ տեսավ, որ մի միայնակ ձիավոր մոտենում է իրեն։

Դժվար չէր իսկույն նկատել, որ այդ վիթխարահասակ, ծանրաշարժ, երկարամորուք մարդը, որ նստել էր այնպիսի մի անպետք ձի, որպիսին շրջակայքում հարյուր մղոն հեռավորությամբ էլ դժվար էր գտնել, ծերունի որսորդն է։ Կասսի Կոլհաունը Զեբուլոն Ստումպին ճանաչում էր, և Ջեբ Ստումպն էլ Կասսի Կոլհաունի հետ ծանոթ էր դեռ Տեխասի հողի վրա ոտք դնելուց շատ առաջ։

― Հը՞, միստր Կոլհաուն, հասա՞ք միս Լուիզայի ետևից,― հարցրեց ծերունի որսորդը իր համար անսովոր լրջությամբ։― Ո՛չ, չհասաք,― շարու-նակեց նա՝ նայելով Կոլհաունի շփոթված դեմքին, և համապատասխան հետևություն անելով։― Գրողը տանի, մարդ իմանար՝ ի՛նչ պատահեց նրան։ Զարմանալի է․ մի՞թե նրա նման ձիավորին այդ զամբիկը կարող էր փախցնել․․․ Բայց ոչինչ, մեծ դժբախտություն չէ, մուստանգերը իր լասսոյով կբռնի զամբիկին և վերջ կդնի նրա հիմարությանը։ Իսկ դուք ինչո՞ւ եք կանգ առել այստեղ։

― Ես չեմ կարողանում հասկանալ, թե նրանք որ ուղղությամբ են գնացել։ Այս հետքերից կարելի է եզրակացնել, որ նրանք այստեղ կանգ են առել։ Բայց չեմ տեսնում, թե հետո հետքերը որ կողմն են գնացել։

― Այո, այո, դուք իրավացի եք, միստր Կոլհաուն։ Նրանք այստեղ կանգնած են եղել։ Եվ այն էլ իրար շատ մոտիկ, այդ նույնպես երևում է։ Այստեղից հետո նրանք վայրի զամբիկների ետևից չեն գնացել։ Դա կասկածից դուրս է։ Բայց հետո ո՞ր կողմն են գնացել։

Զեբ Ստումպը հարցական հայացքով նայեց գետնին, ասես պատասխանը նրանից սպասելով և ո՛չ թե Կոլհաունից։

― Ես ոչ մի տեղ նրանց հետքերը չեմ տեսնում,― պատասխանեց պաշտոնաթող կապիտանը։

― Դուք չե՞ք տեսնում։ Իսկ ես, ա՛յ, տեսնում եմ։ Նայեցեք այստեղ։ Ահա հետքերը, որտեղ խոտը տրորված է։

― Չեմ տեսնում։

― Ա՜յ քեզ բան։ Լավ նայեցեք։ Ահա մեծ պայտը, այս էլ կողքին՝ փոք-րը․․․ Նրանք արշավել են այն ուղղությամբ։ Նշանակում է զամբիկների ետևից արշավել են միայն մինչև այստեղ։ Առա՞ջ գնանք նրանց հետքերով։

― Իհարկե։

Ջեբ Ստումպն առանց այլևս մի բան ասելու առաջ գնաց այդ նոր հետքերով, որոնք գուցե և ուրիշների համար նկատելի չէին, բայց նրա սուր աչքից չէին վրիպում։

Շուտով նրա ուղեկիցն էլ կարողացավ նկատել հետքերը։ Դա այնտեղն էր, որտեղից Մորիսն ու Լուիզան հովատակներից փրկվելու համար նորից արշավել էին քառատրոփ, և որտեղ պայտած ձիերի հետքերը խոր խրվել էին խոտով ծածկված գետնի մեջ։

Քիչ անց այդ հետքերը նորից անհետացան, կամ, ավելի ճիշտ, նկատելի էին միայն այնպիսի հմուտ հետախույզի աչքերին, ինչպիսին էր Զեբ Ստումպը, որը դրանք տարբերում էր տրորված խոտի վրա թողնված հարյուրավոր սմբակների հետքերի մեջ։

― Օհո՜,― հանկարծ զարմանքով գոչեց ծերունի որսորդը,― այս ի՞նչ է կատարվել այստեղ։ Ինչ-որ հետաքրքիր բան կա․․․

― Սրանք հո վայրի զամբիկների սմբակների հետքերն են,― ասաց Կոլհաունը։― Նրանք կարծես շրջան են գործել և վերադարձել։

― Եթե այդ արել էլ են, ապա միայն ձիավորների անցնելուց հետո։ Երևում է՝ այստեղ գործն ուրիշ ընթացք է ստացել։

― Ի՞նչ եք ուզում ասել դրանով։

― Այն որ այստեղից սկսած արդեն ոչ թե ձիավորներն են սլացել զամբիկների ետևից, այլ զամբիկները ձիավորների ետևից։

― Ինչի՞ց իմացաք այդ։

― Մի՞թե չեք տեսնում, որ պայտերի հետքերը տրորել են զամբիկները․․․ Բայց ի՞նչ զամբիկներ․ ախր սրանք խոշո՜ր սմբակներ են։ Մի ամբողջ մատնաչափ ավելի։ Այստեղ հովատակների երամակն է եղել։ Հովսափա՜թ։ Մի՞թե նրանք․․․

― Ի՞նչ «նրանք»։

― Հետապնդել են խատուտիկին։ Իսկ եթե այդպես է, ուրեմն միսս Պոյնդեքստերին վտանգ է սպառնացել։ Առաջ գնանք։

― Ի՞նչ է պատահել։

Առանց պատասխան տալու ծերունի որսորդը վարգով քշեց իր ձին, նրա ետևից էլ Կոլհաունը, որն աշխատում էր այդ առեղծվածային խոսքերի բացատրությունը ստանալ, բայց Զեբը միայն ձեռքն էր թափ տալիս, կարծես ասելիս լիներ․ «Գլուխ մի՛ տանի, ես շատ զբաղված եմ»։ Միառժամանակ նրա ուշադրությունն ամբողջովին կենտրոնացած էր հետքերի ուսումնասիրության վրա։ Պայտած ձիերի հետքերը ջոկելը հեշտ բան չէր, որովհետև հովատակների սմբակները տրորել էին դրանք։ Բայց քանի դեռ ծերունին իր ձին վարգով էր քշում, նրան հաջողվում էր մերթ այստեղ, մերթ այնտեղ հետքերը նկատել։ Երբ Զեբը իր զամբիկը կանգնեցրեց ճեղքվածքից մի հարյուր յարդ հեռավորության վրա, միայն այդ ժամանակ, վերջապես, համաձայնեց բացատրություններ տալ։

― Ա՜յ թե ինչ,― ասաց Կոլհաունը նրա բացատրությունը լսելով։― Իսկ ինչի՞ց եք կարծում, որ նրանք փրկվել են։

― Նայեցեք այստեղ։

― Սպանված է հովատակ և այն էլ՝ բոլորովին նոր սպանված։ Ի՞նչ է նշանակում սա։

― Այն, որ մուստանգերն սպանել է սրան։

― Եվ դուք կարծում եք այնպես է վախեցրել մյուսներին, որ նրանք դադարե՞լ են հետապնդել ձիավորներին։

― Դադարելը դադարել են, բայց, երևում է նրանց կանգնեցրել է ոչ թե վախը, այլ ահա սա, հովատակի լեշը։ Վա՛հ, գրողը տանի, ի՜նչ ոստյուն է եղել․․․

Զեբը մատնացույց արեց սևին տվող անդունդը, որի եզրին հասել էին նրանք։

― Դուք հո չեք կարծում, որ նրանք այստեղով ոստնել են ճեղքվածքի մյուս կողմը,― հարցրեց Կոլհաունը։― Այդ անհնարին բան է։

― Ոստնել են ոնց որ մի կում ջուր խմես։ Մի՞թե դուք նրանց ձիերի հետքերը չեք տեսնում ո՛չ միայն այստեղ, այլև անդունդի մյուս կողմում։ Եվ միսս Պոյնդեքստերն առաջինն է ոստնել։ Հովսափա՜թ, ի՜նչ աղջիկ է։ Նրանք երկուսն էլ պետք է անցած լինեն մյուս կողմը և հետո միայն հովատակին սպանած, այլ կերպ չէր հաջողվի։ Եվ միայն այստեղով կարելի էր ոստնել։ Կեցցե՛ս, մուստանգեր․ հովատակին պառկեցրել է հենց ուղիղ ամենանեղ տեղը։

― Դուք կարծում եք, որ նա և Լուիզան միասի՞ն են ոստնել անդունդի վրայով։

― Ո՛չ բոլորովին միասին,― պատասխանեց Զեբը, չկասկածելով, թե ինչու է Կոլհաունն այսպես հարցուփորձ անում։― Ես արդեն ասացի, որ խատուտիկն առաջինն է ոստնել։ Նայեցեք, ահա այնտեղ, անդունդի մյուս կողմում հետքերը երևում են։

― Տեսնում եմ։

― Իսկ մի՞թե չեք տեսնում, որ մուստանգերի ձիու հետքերը խատու-տիկի հետքերի վրա են ընկել։

― Այո, այո, այդպես է։

― Հովատակներից ոչ մեկը մյուս կողմը չի ցատկել։ Ես կարծում եմ ահա ինչպես է եղել։ Երիտասարդ մուստանգերն անդունդ անցնելուց հետո գնդակն ուղղել է այս անասունին։ Դա նույն բանն է, որ մարդ իր ետևից դարբասը փակի։ Տեսնելով, որ իրենց առաջնորդն ընկավ, հովատակները կանգ են առել, ապա ետ վազել։ Ահա և այստեղ, անդունդի երկարությամբ երևում են նրանց հետքերը։

― Գուցե նրանք անդունդն անցել են մի ուրի՞շ տեղ և հետապնդումը շարունակել։

― Եթե այդպես անելու լինեին, ստիպված պիտի տասը մղոն ճանապարհ կտրեին, մինչև այստեղ վերադառնալը․ հինգ մղոն դեպի վեր և նույնքան էլ ետ։ Բայց այդպիսի բան չի եղել, միստր Կոլհաուն։ Մի՛ անհանգստացեք, նրանք այլևս միսս Լուիզային չեն հետապնդել։ Անդունդի մյուս կողմը ոստնելուց հետո նա սլացել է մուստանգերի հետ կողք կողքի․․․ բոլորովին հանգիստ, ինչպես երկու գառնուկ։ Վտանգն անցել է։ Իսկ հիմա նրանք երևի արդեն վերադարձել են այնտեղ, որտեղ մթերքներով լի ֆուրգոնն է կանգնած։

― Գնա՛նք ուրեմն,― ասաց Կոլհաունն այնպիսի անհամբերությամբ, որ ասես նրա քեռու աղջիկը դեռ էլի վտանգի մեջ լիներ։― Գնա՛նք, միստր Ստումպ։ Վերադառնանք որքան կարելի է արագ։

― Մի՛ շտապեք խնդրեմ,― պատասխանեց Զեբը հանգիստ իջնելով իր զամբիկից և դանակը հանելով։― Մի տասը րոպե սպասեք ինձ։

― Սպասե՞մ։ Ինչի՞ համար,― անհամբեր հարցրեց Կոլհաունը։

― Ես պետք է այս հովատակի կաշին քերթեմ։ Տեսեք ի՞նչ գեղեցկություն։ Մեր ավանում ես երևի ամենաքիչը հինգ դոլար կստանամ սրա համար։ Իսկ հինգ դոլարը ամեն օր չես գտնի պրերիայում։

― Այ, գրո՛ղը տանի ձեր այդ կաշին,― սրտնեղած գոչեց Կոլհաունը։― Գնա՛նք։ Ձեռ քաշեք դրանից։

― Մտքովս էլ չի անցնում,― անվրդով սառնարյունությամբ ասաց Զե-բը՝ սուր դանակով ճղելով սպանված հովատակի փորի կաշին։― Դուք կարող եք գնալ, եթե ցանկանում եք, միստր Կոլհաուն, իսկ Զեբ Ստումպը մի քայլ էլ չի անի, մինչև որ այս կաշին իր պառավ զամբիկին չբարձի։

― Ինձ լսեցեք, Զեբ, ի՞նչ կարիք կա ասելու, որ ես մենակ վերադառ-նամ։ Դուք հո գիտեք, որ ես ճանապարհը չեմ գտնի։

― Իսկապես որ այդ ճշմարտության նման է։ Բայց ես հո չասացի, որ դուք ճանապարհը կգտնեք։

― Ինձ լսեցեք, համառ ծերունի։ Հենց հիմա ինձ համար ժամանակը շատ թանկ է։ Իսկ դուք այս մորթու վրա ամբողջ կես ժամ կկորցնեք։

― Քսան րոպեից էլ քիչ։

― Թեկուզ քսան րոպե։ Ինձ համար քսան րոպեն որքա՜ն ավելի թանկ է հինգ դոլարից։ Դուք ասացիք, չէ՞, որ այդքան է այդ մորթու գինը։ Թողեք այստեղ, ես խոստանում եմ դրա գինը տալ ձեզ։

― Այդպե՜ս։ Դա հո շատ մեծահոգի բան է։ Միայն թե ես ինչ-որ չեմ ուզում օգտվել ձեր առաջարկությունից։ Դա ստորություն կլինի իմ կողմից՝ փող վերցնել այդպիսի բանի համար, մանավանդ, որ մենք ծանոթներ ենք և միևնույն ճամփով ենք գնալու։ Մյուս կողմից էլ չեմ կարող թողնել, որ հինգդոլարանոց կաշին այստեղ փտի, էլ չեմ ասում, որ մինչև ես առիթ ունենամ նորից այս կողմերը գալու, անգղները կբզկտեն այն։

― Գրողը տանի, հապա ես ի՞նչ անեմ հիմա։

― Դուք շտապո՞ւմ եք։ Հը՜մ․․․ Ափսոս, որ ես չեմ կարող ուղեկցել ձեզ․․․ Սպասեք, գտա․ կարիք չկա, որ դուք ինձ սպասեք։ Ինքներդ շա՜տ հեշտու-թյամբ կարող եք խնջույքի տեղի ճանապարհը գտնել։ Նայեցեք այն կողմը, ահա, հորիզոնում մի ծառ է երևում․ տեսնո՞ւմ եք, այն բարձր կաղամախին։

― Այո, տեսնում եմ։

― Հը՜մ․․․ ճանաչո՞ւմ եք։ Դա մի հիանալի բույս է, որ ավելի շատ զան-գակատան է նման, քան ծառի։

― Այո, հիշեցի։ Երբ մենք վայրի զամբիկներին էինք հետապնդում, հենց նրա մոտով անցանք։

― Միանգամայն ճշմարիտ է։ Ուրեմն ի՞նչն է խանգարում ձեզ հիմա վերադառնալ այդ նույն ճանապարհով, կաղամախու մոտով և գնալ զամբիկների հետքերով, միայն թե հակառակ ուղղությամբ։ Այդ ձևով դուք կհասնեք խնջույքի վայրը և այնտեղ կտեսնեք միսս Պոյնդեքստերին և ամբողջ ուրախ խումբը, որը խմելիս կլինի այն ֆրանսիական զիբիլը՝ շամպայնը, ինչպես կոչում են։ Եվ թող խմեն` ինչքան ուզում են, միայն թե վիսկին չհիշեն, թե չէ, երբ ես վերադառնամ, կոկորդս թրջելու բան չեմ ունենա։

Կոլհաունն արդեն վաղուց չէր լսում ծերունի որսորդի այս փայլուն ճառը։ Հենց որ հեռու հորիզոնում երևացող ծառը ճանաչեց, իսկույն ասպանդակեց իր շեկ նժույգին և քառատրոփ առաջ սլացավ՝ ծերունի Զեբին թողնելով իր գործին։

― Հովսափա՜թ,― գոչեց որսորդը՝ գլուխը բարձրացնելով և նկատելով, որ կապիտանի իզ ու թոզը կորել է։― Առանձին խելք չի հարկավոր հասկանալու համար, թե նա ինչու այդպես գլխապատառ գնաց։ Թեպետև ես այնքան էլ սրամիտ չեմ, բայց ինձ թվում է, թե սա իսկական խանդն է, որ վազում է հետքերով։

*  *  *



Զեբ Ստումպը չէր սխալվել։ Հենց խանդն էր, կատաղի խանդը, որ Կասսի Կոլհաունին ստիպել էր շտապել ետ դառնալ։ Առաջին անգամ այդ խանդը նրան տանջել էր սկսել խանձված պրերիայում։ Եվ օրեցօր ավելի ու ավելի էր ուժեղանում, որովհետև բորբոքվում էր ոչ միայն իրականում տեսածով, այլև նրանով, ինչ ինքը երևակայում էր։ Եվ հիմա, վերջապես, խանդը նրա մեջ խեղդելու էր մյուս բոլոր զգացմունքները։

Մուստանգերը Լուիզային ընծայեց խատուտիկ մուստանգը և հենց ինքն էլ նրան վարժեցրեց թամբին, իսկ Լուիզան այդ ընծան ընդունեցի նույնիսկ չփորձելով թաքցնել իր ուրախությունը։ Այս և մի քանի ուրիշ բա-ներ ազդեցին կապիտանի արդեն բորբոքված երևակայության վրա, և նա տոգորվեց այն մտքով, որ Մորիս մուստանգերը դարձել է իր գլխավոր մրցակիցը։

Թվում էր, թե ձիերի որսորդի համեստ դիրքը կապիտանին լուրջ հիմք չպետք է տար ոչ միայն այդպիսի համոզմունք կազմելու, այլև նույնիսկ կասկածելու համար։

Երևի այդպես էլ կլիներ, եթե Կոլհաունը լավ չիմանար Լուիզա Պոյնդեքստերի բնավորությունը։ Մանկական տարիներից Լուիզան ցուցաբերում էր լիակատար ինքնուրույնություն, նրան հատուկ էր խենթության հասնող համարձակությունը, հազիվ թե կարելի էր հուսալ, թե նա հաշվի կառնի իր միջավայրի սովորույթները։ Նրա շրջանի կանանց մեծ մասի համար ձիերի որսորդի աղքատությունն ու անվանի չլինելը կարող էին արգելք հանդիսանալ եթե ոչ անհավասար ամուսնության, ապա համենայնդեպս հապճեպ արարքների համար։ Բայց Կոլհաունը, ջանալով իր խանդոտ երևակայությամբ պատկերացնել Լուիզայի արարմունքը, դրա վրա էլ հույս դնել չէր կարող։

Վրդովված լինելով օրվա իրադարձություններից, որոնք իր համար այնքան անհաջող դասավորվեցին, Կոլհաունն արշավում էր դեպի խնջույքի վայրը։ Աչքը չկտրելով զանգակատան նման ծառից՝ նա միաժամանակ մանադայի հետքերն էր որոնում։ Այժմ արդեն մոլորվել չէր կարող։ Նրան մնում էր միայն վերադառնալ իր սեփական հետքերով։

Նա գնում էր արագ վարգով, շատ ավելի արագ, քան կցանկանար իր հոգնած ձին։ Նրան առաջ էին քշում մռայլ մտքերը, որոնք արդեն մի ժամից ավելի ամբողջովին կլանել էին նրան։ Այդ մտքերի դառնությունը նա ավելի ուժեղ էր զգում, երբ մեն-մենակ էր, շրջապատված պրերիայի լռությունով։

Նրան չուրախացրեց նույնիսկ երկու ձիավորների հանդիպումը, որոնք երևացին հեռվում և գնում էին նույն ուղղությամբ։ Կոլհաունն իս-կույն ճանաչեց նրանց, թեև միայն մեջքներն էր տեսնում, այն էլ հեռվից։ Դրանք իր դառն խոհերի պատճառն էին։

Կոլհաունի նման նրանք էլ վերադառնում էին վայրի զամբիկների հետքերով։ Նրանք ձիերը քշում էին կողք կողքի, ասպանդակ ասպանդակի։ Ըստ երևույթին ինչ-որ հետաքրքիր խոսակցությամբ տարված՝ ձիավորները չնկատեցին իրենց մոտեցող միայնակ ձիավորին։

Ի տարբերություն Կոլհաունի՝ նրանք կարծես այնքան էլ չէին շտապում վերադառնալ հասարակության մեջ և գնում էին դանդաղ։ Խատուտիկ մուստանգը շուտ-շուտ դանդաղեցնում էր իր քայլերը։

Նրանց այդքան մոտիկությունն իրար, ակներև անուշադրությունը շրջապատի նկատմամբ, վերջապես այն դանդաղ ընթացքը, որով վերադառնում էին, այս ամենը այնքան էր ուժեղացնում կապիտանի կասկածը, որ նա համարյա ինքն իրեն կորցնում էր։

Սրարշավ մոտենալ և կոպտաբար խանգարել նրանց այդ մտերիմ զրույցը՝ եղավ կապիտանի առաջին միտքը։ Եվ նա իր տանջված ձիուն մի անգամ էլ ստիպեց ավելի արագ սլանալ։ Բայց մի քանի վայրկյանից հետո Կոլհաունը ասես իր որոշումը փոխելով՝ ձիու սանձը քաշեց։ Նրա ձիու սմբակների դոփյունը դեռևս ձիավորներին չէր հասել, թեև կապիտանն ընդամենը մի երկու հարյուր յարդ էր նրանցից հեռու։ Արդեն նրա ականջին էր հասնում քեռու աղջկա արծաթահնչյուն ձայնը, որը, ըստ երևույթին, ավելի շատ էր խոսում, քան իր ուղեկիցը։ Որքա՜ն հետաքրքիր էր նրանց համար այդ զրույցը, որ նույնիսկ չէին նկատում, թե մարդ է մոտենում իրենց։

Օ՜, եթե միայն հաջողվեր իմանալ, թե ինչի մասին են խոսում նրանք։ Առաջին հայացքից թվում էր, թե դրանից ոչինչ չի դուրս գա։ Բայց ինչո՞ւ չփորձել։

Ըստ երևույթին նրանք այնքան են տարված զրույցով, որ այդ էլ անհնարին բան չէ։ Խոտն այստեղ փափուկ է թավշի պես, և սմբակների թեթև հարվածները բոլորովին անլսելի են։

Կոլհաունը տոգորված էր այնպիսի անհամբերությամբ, որ քայլով գնալ չէր կարող։ Բայց նրա շեկ ձին սիրով առաջ գնաց հարավարևմտյան նահանգների ձիերին հատուկ շորորուն քայլքով։

Սմբակը հազիվ բարձրացնելով գետնից, համարյա սահելով խոտի վրայով, նա առաջ էր գնում անաղմուկ, բայց արագ, այնքան արագ, որ մի քանի վայրկյանից հետո հասավ խատուտիկ զամբիկի և մուստանգերի աշխետի ետևից։

Այն ժամանակ կապիտանն իր ձիուն ստիպեց քարը դանդաղեցնել և նրանց համաչափ ընթանալ։ Իսկ ինքը ձիու վրա առաջ թեքվելով լսողությունը լարեց։

Կոլհաունի դիրքից դատելով՝ նա պատրաստ էր ամենակոպիտ հայհոյանք տեղալ կամ թե դանակը կամ ատրճանակը ձեռքն առնել։

Նրա հետագա անելիքը կախված էր նրանից, թե ինչ կլսի։

Բայց ոչինչ էլ չպատահեց։ Թեև երկու ձիավորները տարված էին իրենց զրույցով և շրջապատին չէին լսում, նրանց ձիերի լսողությունն ավելի սուր եղավ, և երբ հոգնած շեկ նժույգը քայլքի անցնելով սմբակով ծանր հարվածեց գետնին, խատուտիկ մուստանգն ու աշխետ նժույգը ետ նայեցին ու բարձր վրնջացին։ Կոլհաունի ծրագիրը տապալվեց։

― Ա՜, դու այստե՞ղ ես, Կա՛շ,― գոչեց Լուիզան շուռ գալով դեպի կապիտանը, և նրա ձայնի մեջ հնչեց ո՛չ այնքան զարմանք, որքան սրտնեղություն։― Իսկ որտե՞ղ են հայրիկը, Հենրին ու մյուսները։

― Ինչո՞ւ դու այդ ինձ ես հարցնում, Լո՛ւ։ Ես նրանց մասին այնքան գի-տեմ, որքան դու։

― Մի՞թե։ Ես կարծում էի դու մեզ ընդառաջ ես եկել։ Նրանք նույնպես․․․ Ա՜խ, քո ձին փրփուրի մեջ կորած է։ Նա կարծես նույնքան երկար ճանա-պարհ է կտրել, որքան մեր ձիերը։

― Այդպես էլ եղել է։ Ես հենց սկզբից նետվեցի քո ետևից, հուսալով, թե քեզ կօգնեմ։

― Իսկապե՞ս։ Իսկ ես չգիտեի, որ դու եկել ես մեր ետևից։ Շնորհակալ եմ, Կասսի։ Ես հենց նոր շնորհակալություն էի հայտնում միստր Ջերալդին, որ նույնպես եկել էր իմ ետևից և ինձ ու խատուտիկին անձնվիրաբար փրկեց շատ մեծ անախորժությունից, ավելի ճիշտ՝ սոսկալի վտանգից։ Երևակայիր, մեր ետևից էին ընկել վայրի հովատակները, և մենք փախչում էինք նրանցից՝ տառացիորեն մեր կյանքը փրկելու համար։

― Ես այդ գիտեմ։

― Նշանակում է, դու տեսե՞լ ես, թե ինչպես էին հալածում մեզ։

― Ո՛չ։ Ես այդ իմացա հետքերից։

― Հետքերի՞ց։ Դու այդ կարողացար որոշել հետքերի՞ց։

― Այո շնորհիվ Զեբ Ստումպի տված բացատրությունների։

― Օ՜, նա է՞լ քեզ հետ է եղել։ Եվ մինչև որտե՞ղ եք հետևել մեր հետքերին։

― Մինչ ճեղքվածքը։ Զեբն ասում էր, որ դու ոստնել ես նրա վրայով։ Ճի՞շտ է։

― Խատուտիկս ոստնեց։

― Եվ դու թամբի՞ն էիր։

― Դե իհարկե։ Ի՞նչ տարօրինակ հարց է, Կասսի,― ասաց աղջիկը ծիծաղելով։― Թե՞ կարծում էիր ես պետք է ձիու պոչից կախվեի․․․ Իսկ դու նույնպե՞ս ոստնեցիր,― հարցրեց կրեոլուհին հանկարծ ձայնը փոշխելով։― Եվ հետո մեր հետքերո՞վ եկար։

― Ո՛չ, Լու։ Ճեղքվածքից ես եկա ուղիղ այս կողմը, ենթադրելով, որ դու ինձանից շուտ կվերադառնաս։ Եվ ահա այստեղ մենք հանդիպեցինք։

Լուիզան կարծես գոհ եղավ այդ պատասխանից։

― Ախ, այդպե՜ս։ Լավ է, որ հասար մեր ետևից։ Մենք դանդաղ էինք գնում։ Խեղճ խատուտիկս շատ է հոգնել։ Չգիտեմ, թե ինչպես պիտի Լեոնա հասնի․․․

Կոլհաունին հանդիպելու րոպեից մուստանգերը ոչ մի խոսք չէր ասել։ Առանց նկատելի ափսոսանքի նա թողել էր դեռատի կրեոլուհու ընկերությունը և լուռ առաջ էր ընկել նորից վերադառնալով ուղեցույցի իր դերին։

Չնայած դրան, կապիտանը նրանից չէր հեռացնում իր զննող հայացքը։ Իսկ երբ նա նկատում էր, կամ կարծում էր, թե նկատեց Լուիզայի ցնծագին հայացքը՝ ուղղված նույն կողմը, նրա աչքերը վառվում էին դիվային չարությամբ։

Երեք ձիավորների երկար ճամփորդությունը կարող էր ողբերգական վախճանի հասցնել։ Սակայն խնջույքի մասնակիցների երևալը կանխեց այդ բանը։ Փախստականին դիմավորեցին ցնծագին աղաղակներով, որոնք առժամանակ ցրեցին մյուս բոլոր մտքերը։

Գլուխ XIX․ Ջրախառն վիսկի

Ինջ ամրոցի մոտի փոքրիկ ավանում հյուրանոցն ամենաաչքի ընկնող հենքն էր։ Ասենք՝ դա բնորոշ էր վերջին քառասուն տարվա ընթացքում Տեխասում կառուցված բոլոր քաղաքների համար։ Միայն իսպանացիների հիմնած մի քանի հին քաղաքներում ամրոցներն ու վանքերն իշխում էին մյուս շենքերի վրա։ Բայց հիմա այնտեղ էլ նրանք զիջել են իրենց առաջնությունը, իսկ տեղ-տեղ էլ հենց իրենք են հյուրանոց դարձել։

Ինջ ամրոցի հյուրանոցը թեպետև ավանի ամենամեծ շենքն էր, բայց և այնպես մի առանձին երևելի բան չէր։ Նրա արտաքին տեսքը հազիվ թե որևէ ճարտարապետական ոճի հավակնություն ունենար։ Դա «Т» տառի ձև տված մի շենք էր՝ կառուցված տաշված գերաններով։ Շենքի երկայնակի մասում սենյակներ էին եկվորների համար, իսկ լայնակի մասը մի մեծ շենք էր, որտեղ գտնվում էր բուֆետը, կամ, ինչպես կոչում են Ամերիկայում, բարը։ Այստեղ խմում էին, ծխում և առանց քաշվելու թքում հատակին։

Հյուրանոցի մուտքի առաջ գագաթը սղոցած կաղնի ծառից կախված՝ ճոճվում էր մի ցուցանակ, որի վրա երկու երեսին պատկերված էր այդ կողմերում մեծ հռչակ ստացած մի հերոս՝ գեներալ Զախարի Թեյլորը[42]։ Պատկերի տակ գրված էր հյուրանոցի անունը՝ «Բարի գալուստ»։

Եթե դուք երբևիցե ճամփորդել եք Ամերիկայի հարավային կամ հարավարևմտյան նահանգներով, բուֆետի նկարագրության կարիք չեք զգա։ Այդ դեպքում ոչ մի բան ձեր հիշողությունից չի ջնջի հյուրանոցի պանդոկը, որտեղ դուք դժբախտություն եք ունեցել կանգ առնելու։ Վաճառասեղանը սենյակով մեկ ձգվում է պատի երկարությամբ, որի վրա աչքի են ընկնում երկար դարակները, և այդ դարակներին շարված են գրաֆիններ ու շշեր, որոնք պարունակում են ոչ միայն ծիածանի բոլոր գույների, այլև նրանց ամեն տեսակ զուգորդությունների հեղուկներ։ Վաճառասեղանի ետևը այս ու այն կողմն է շարժվում մի պերճաշուք երիտասարդ, այսպես կոչված՝ բարմենը։ Միայն թե դուք նրան պանդոկապան չկոչեք, թե չէ՝ կարող եք շշի հարված ստանալ ձեր ատամներին։ Այդ պերճաշուք երիտասարդ ջենտլմենը հագել է երկնագույն սատինե բլուզ կամ սպիտակ քաթանից կարված բաճկոն և կամ պարզապես լինոբատիստե վերնաշապիկ՝ Աստված գիտե, թե երբ ծալազարդված ժանյակներով։ Այդ պերճաշուք երիտասարդը ձեզ համար «շերրի կոբլեր» խառնելով նայում է ուղիղ ձեր աչքերի մեջ և ձեզ հետ խոսում քաղաքականության մասին, մինչդեռ սառույցը, գինին ու ջուրը, բաժակից բաժակ թափվելով, կայծկլտում են ու նրա թիկունքում ստեղծում ծիածանի պես մի բան և կամ նրա սղալած գլուխը շրջապատող լուսապսակ։ Եթե դուք ճամփորդել եք Ամերիկայի Հարավային նահանգներով, իհարկե, չեք մոռացել նրան։ Իսկ եթե այդպես է, ապա իմ խոսքերը ձեզ կհիշեցնեն նրան և իր շրջապատը պանդոկը, որ նա կառավարում է դարակների և գույնզգույն շշերի մեջ։ Դուք կհիշեք վաճառասեղանը, սպիտակ ավազով ծածկված հատակը, որտեղ երբեմն սիգարի մնացորդներ են լինում թափված, և երևում են դարչնագույն թուքեր։ Դուք կհիշեք նաև անանուխի, օշինդրի օղու և կիտրոնի կեղևի հոտը, սովորական սև ճանճերի, մսի ճանճերի և ցավագին խայթող մոծակների պարսերի բզզոցը։ Այս ամենը պետք է մեխված լինեն ձեր հիշողության մեջ։ Թեպետև «Բարի գալուստ» հյուրանոցը քիչ բանով էր տարբերվում Տեխասի նույնանման ուրիշ հաստատություններից, բայց և այնպես ուներ իր առանձնահատկությունները։ Նրա տնօրենը ոչ թե ճարպիկ յանկի էր, այլ մի գերմանացի, որը լիովին արդարացնում էր իր հայրենակիցների համբավը, որոնք համարվում են ամենալավ մթերքներ մատակարարողներ։ Նա ինքն էր սպասարկում իր բարում։ Եվ երբ դուք այնտեղ էիք մտնում, ձեզ համար խմիչք էր պատրաստում ոչ թե փոթազարդ վերնաշապիկ հագած բուրումնավետ մազերով պերճաշուք մի երիտասարդ, այլ ծանրաբարո գերմանացին, որն այնպիսի լուրջ տեսք ուներ, որ կարծես երբեք չէր փորձել այն բուրումնավետ խմիչքները, որոնցով հյուրասիրում էր իր հաճախորդներին։ Տեղական բնակիչները նրան հակիրճ կոչում էին «Դոֆեր», թեև իր հայրենիքում նա հայտնի էր Օբերդոֆեր ազգանունով։

Այդ բարը մի ուրիշ առանձնահատկություն էլ ուներ, որը, ի դեպ, միայն նրան չէր հատուկ։ Ինչպես արդեն ասել ենք, հյուրանոցը «Т» տառի ձև ուներ։ Բարը գտնվում էր լայնակի շենքում, վաճառասեղանը ձգված էր գլխավոր շենքին հատող պատի երկարությամբ։ Բարի ամեն մի ծայրում կար մի դուռ, որը բացվում էր դեպի հրապարակ։

Դռների այդպիսի դասավորություն պահանջում էր տեղական կլիմայի առանձնահատկությունը․ այնտեղ, որտեղ ջերմաչափը տարվա մեջ վեց ամիս ստվերում 30 աստիճանից ավելի է ցույց տալիս, անհրաժեշտ է հոգալ օդի լավ շրջանառության մասին։

Տեխասի հյուրանոցները, ի դեպ, ինչպես և Միացյալ նահանգների բոլոր հյուրանոցները, միաժամանակ ծառայում են և՛ որպես բորսա, և՛' որպես ակումբ։ Երևի հենց հյուրանոցների հարմարության և էժանության համար է, որ Ամերիկայում ակումբներ համարյա չկան։

Ատլանտիկի ափերի նույնիսկ խոշոր քաղաքներում ակումբն ամենևին էլ անհրաժեշտություն չէ։ Հյուրանոցներում չափավոր գները, նրանց հիանալի խոհանոցը և նրբագեղ կահավորությունը խանգարում են ակումբների բարգավաճմանը, որոնք Ամերիկայում կուչ են գալիս ու պիտի կուչ գան որպես նրան խորթ բաներ։

Այս դիտողությունը, սակայն, գլխավորապես վերաբերում է հարավային ու հարավարևմտյան քաղաքներին, որտեղ պանդոկներն ու բարերը տեսակցությունների և հանգստի սիրած վայրերն են։ Այստեղ շատ խայտաբղետ հասարակություն է հավաքվում։ Գոռոզ ագարակատերը չի խորշում,― որովհետև չի համարձակվի խորշել,― գինի խմել չքավոր մարդկանց հետ միասին, որոնք հաճախ հենց իր նման գոռոզ են լինում։ «-Բարի գալուստ» հյուրանոցի բարում կարելի է հանդիպել ավաններում եղած բոլոր դասակարգերի ու զբաղմունքների ներկայացուցիչների, միայն թե ո՛չ գյուղացիների․ այդ կողմերում գյուղացիներ չկան։ Գյուղացիներ չկան Միացյալ Նահանգներում, չկան և Տեխասում։

Երևի այն օրվանից, ինչ Դոֆերը կախել էր իր ցուցանակը, նրա բարում դեռ երբեք այնքան շատ հաճախորդ չէր հավաքվել, որքան մեր նկարագրած խնջույքից հետո, երբ նրա մասնակիցները երեկոյան վերադարձան Ինջ ամրոց։

Նրանք համարյա բոլորը, բացառությամբ տիկինների, անհրաժեշտ համարեցին երեկոն ավարտել բարում։ Հենց որ գույնզգույն շշերի մեջ մեղմորեն տկտկացող հոլանդական ժամացույցի սլաքը մոտեցավ տասնմեկին, այցելուները մեկը մյուսի ետևից սկսեցին բար մտնել։ Ամրոցի սպաները, մոտակայքում ապրող ագարակատերերը, նպարավաճառները, մատակարարողները, շուլերներն ու անորոշ զբաղմունքի տեր մարդիկ ներս էին մտնում իրար ետևից։ Ամեն մեկը ուղղակի մոտենում էր վաճառասեղանին, պատվիրում իր սիրած խմիչքը, ապա միանում որևէ խմբի։

Այդ խմբերից մեկն առանձնապես ուշադրություն էր գրավում։ Այդ խումբը բաղկացած էր մի տասը հոգուց, որոնց կեսը զինվորական համազգեստով էր։ Դրանց մեջ էին ընթերցողին արդեն ծանոթ երեք սպաները՝ հետևակային կապիտանը և երկու լեյտենանտը՝ դրագուն Հենկոկը և հրաձիգ Կրոսմենը։

Դրանց հետ կար էլի մի սպա, որ նրանցից մեծ էր թե՛ հասակով, թե՛ աստիճանով, նա մայորի ուսադիրներ էր կրում։ Եվ քանի որ նա Ինջ ամրոցում աստիճանով բարձր էր, ապա ավելորդ է ասել, որ դա կայազորի հրամանատարն էր։

Զրույցը միանգամայն անբռնազբոսիկ բնույթ ուներ, կարծես բոլորը երիտասարդ լեյտենանտներ էին։ Նրանք խոսում էին օրվա դեպքերի մասին։

― Ասացեք խնդրեմ, մայոր,― հարցրեց Հենկոկը,― ձեզ հայտնի՞ է արդյոք, թե որտե՞ղ էր միսս Պոյնդեքստերը։

― Ես որտեղի՞ց պիտի իմանամ,― պատասխանեց այն սպան, որին ուղղված էր հարցը։ Դուք այդ հարցրեք նրա ազգական միստր Կասսի Կոլհաունին։

― Նրան հարցրել ենք, բայց մի կարգին բան չիմացանք։ Կարծես նա մեզանից ավելի բան չգիտե։ Կոլհաունը նրանց հանդիպել է վերադառնալիս, այն էլ մեր իջևանած տեղից ոչ հեռու։ Բայց նրանք շատ երկար ժամանակ էին բացակա, և նրանց փրփրամխած ձիերից երևում էր, որ շատ հեռու են գնացել։ Այդքան ժամանակում նրանք կարող էին հասնել մինչև Ռիո Գրանդե և նույնիսկ ավելի հեռու։

― Դուք ուշադրություն դարձրի՞ք Կոլհաունի դեմքին, երբ նա վերադարձավ,― հարցրեց հետևազորի կապիտանը։― Մթնել էր ամպի պես, և, ըստ երևույթին, ինչ-որ խիստ անհաճո բան նրան անհանգստացնում էր։

― Այո, նա իսկապես շատ վհատ էր երևում,― պատասխանեց մայորը։― Բայց հույսով եմ, կապիտան Սլոումեն, դուք այդ չեք վերագրում․․․

― ․․․Խանդի՞։ Ես դրան չեմ կասկածում։ Ուրիշ բան լինել չի կարող։

― Ինչպե՞ս, Մորիս մուստանգերի՞ն է խանդում։ Ի՜նչ եք ասում։ Ան-կարելի՛ է։ Համենայնդեպս ճշմարտանման չէ։

― Բայց ինչո՞ւ, մայոր։

― Թանկագին Սլոումեն, Լուիզա Պոյնդեքստերը լեդի է, իսկ Մորիս Ջերալդը․․․

― Գուցե և ջենտլմեն է․ չէ՞ որ արտաքինը խաբուսիկ է լինում։

― Թո՛ւ,― արհամարհանքով ասաց Կրոսմենը,― ձիավաճա՞ռ։ Մայորն իրավացի է, դա ճշմարտանման չէ։

― Ա՜խ, ջենտլմեննե՛ր,― շարունակեց հետևակի սպան՝ գլուխը բազ-մանշանակ օրորելով։― Դուք միսս Պոյնդեքստերին այնպես չեք ճանաչում, ինչպես ես։ Դա շատ տարօրինակ աղջիկ է, եթե չասենք ավելին։ Երևի դուք է՞լ նկատել եք այդ։

― Ի՜նչ եք ասում, Սլոումեն,― ասաց մայորը քմծիծաղելով։― Դուք կարծես բամբասանքի սեր ունեք։ Երևի հենց դո՞ւք եք սիրահարվել միսս Պոյնդեքստերին, չնայած կնատյաց եք ձևանում։ Խանդեիք նրան լեյտենանտ Հենկոկի կամ Կրոսմենի նկատմամբ, եթե նրա սրտին ուրիշը չլիներ տիրած, այդ դեռ էլի հասկանալի կլիներ, բայց մի հասարակ մուստանգերի․․․

― Այդ մուստանգերը իռլանդացի է, մայոր։ Եվ ես հիմք ունեմ ենթադրելու, որ նա․․․

― Ով էլ որ լինի,― ընդհատեց մայորը մի հայացք գցելով դռան վրա։― Ահա և նա, թող հենց ինքն էլ պատասխան տա մեզ․ նա պարզասիրտ տղա է, և դուք նրանից կիմանաք ամեն բան, ինչ, ըստ երևույթին, շատ է հետաքրքրում ձեզ։

― Հազիվ թե,― մրմնջաց Սլոումենը, երբ Հենկոկը և էլի երկու-երեք սպա ուղղվեցին դեպի մուստանգերը՝ մտադիր լինելով հետևել մայորի խորհրդին։

Ավազածածկ հատակին քայլելով՝ Մորիսը լուռ մոտեցավ վաճառասեղանին։

― Խնդրեմ մի բաժակ ջրախառն վիսկի տաք,― համեստորեն դիմեց նա պանդոկատիրոջը։

― Ջրախառն վիսկի՞,― չոր-չոր կրկնեց գերմանացին։― Դուք ջրախառն վիսկի՞ եք ուզում։ Բաժակը երկու պեննի արժե։

― Ես չեմ հարցնում, թե ինչ արժե,― պատասխանեց մուստանգերը։ Ես ձեզ խնդրում եմ մի բաժակ ջրախառն վիսկի տալ։ Ունե՞ք արդյոք։

― Այո՛, այո՛,― շտապեց պատասխանել գերմանացին՝ մուստանգերի խիստ տոնից վախեցած։― Որքան կուզեք, խնդրեմ, որքան կուզեք ջրախառն վիսկի տամ։

Այն ժամանակ, երբ պանդոկի տնօրենը վիսկի էր լցնում, մուստանգերը սիրալիր պատասխանեց սպաների ողջույնին։ Նա շատերի հետ ծանոթ էր, որովհետև հաճախ էր գործով ամրոց գալիս։

Սպաներն արդեն ուզում էին նրան դիմել իրենց հետաքրքրող հարցով, ինչպես խորհուրդ էր տվել մայորը, երբ էլի մի այցելուի երևալը նրանց ստիպեց առժամանակ հրաժարվել իրենց մտադրությունից։

Ներս մտնողը Կասսի Կոլհաունն էր։ Նրա ներկայությամբ հազիվ թե հարմար լիներ այդ հարցի մասին խոսել։

Իրեն հատուկ ամբարտավան տեսքով մոտենալով զինվորականների ու քաղաքացիական անձանց խմբին՝ Կասսի Կոլհաունը ողջունեց նրանց այնպես, ինչպես սովորաբար ողջունում են մարդիկ, երբ ամբողջ օրը միասին են անցկացրել և բաժանվել են միայն կարճ ժամանակով։ Եթե պաշտոնաթող կապիտանը բոլորովին հարբած էլ չէր, համենայնդեպս լավ կոնծած էր։ Նրա աչքերը տարօրինակ փայլ ունեին, դեմքը՝ անբնական գունատ էր, գլխարկը թեք էր դրել գլխին, և նրա տակից ճակատին էին թափվել երկու-երեք փունջ մազեր․ պարզ էր, որ նա հարկ եղածից ավելի էր խմել։

― Եկեք խմե՞նք, ջենտլմեննե՛ր,― վաճառասեղանին մոտենալով դարձավ նա մայորին և նրան շրջապատողներին։― Եվ խմենք շատ պինդ, ինչպես պետքն է, որպեսզի ծերունի «Դոններվետերը» չկարողանա ասել, թե իզուր տեղն է լույս վառում մեզ համար։ Հրավիրում եմ բոլորի՛դ։

― Խմե՛նք, խմե՛նք,― լսվեցին մի քանի ձայներ։

― Իսկ դո՞ւք, մայոր։

― Հաճույքով, կապիտան Կոլհաուն։

Ընդունված սովորության համաձայն խմելու պատրաստվող ամբողջ խումբը շարվեց վաճառասեղանի առաջ, և յուրաքանչյուրը խմիչք պատվիրեց իր ճաշակով։ Այնքան տեսակի խմիչքի անուն տրվեց, որքան մարդ կար այդ խմբում։ Ինքը՝ Կոլհաունը գոռաց․

― Բրենդի,― և իսկույն էլ ավելացրեց,― և մի քիչ էլ վիսկի խառնեցեք։

― Բրենդին և վիսկին ձե՞ր պատվերն է,― միստր Կոլհաուն,― հարցրեց պանդոկի տնօրենը վաճառասեղանի վրայով հաճոյակատար կռանալով դեպի այն մարդը, որին բոլորը համարում էին խոշոր կալվածքի բաժնետեր։

― Արագ շարժվի՛ր, հիմար գերմանացի։ Չլսեցի՞ր, ասացի՝ բրենդի։

― Շատ լավ, հերր[43] Կոլհաուն, շատ լավ։ Բրենդի և վիսկի, բրենդի և վիսկի,― կրկնեց գերմանացին՝ շտապելով գրաֆինը դնել կոպիտ այցելուի առաջ։ Մայորի խումբը, որ միացել էր արդեն իսկ վաճառասեղանի առաջ կանգնած երկու-երեք հաճախորդին, բոլորովին ազատ տեղ չէր թողել։

Պատահաբա՞ր էր արդյոք, թե դիտմամբ, համենայնդեպս Կոլհաունը, տեղ գրավելով ծայրում, ընկավ Մորիս Ջերալդի մոտ, որը մի կողմում հանգիստ կանգնած ջրախառն վիսկի էր խմում և սիգար ծխում։ Նրանք երկուսն էլ կարծես թե իրար չէին նկատում։

― Կենա՜ց,― գոռաց Կոլհաունը՝ իր բաժակը վերցնելով վաճառասեղանի վրայից։

― Առաջարկեցե՛ք,― լսվեցին մի քանի ձայներ։

― Կեցցե՛ Ամերիկան ամերիկացիների համար, և թող չքվեն բոլոր օտարերկրացի եկվորները, մանավանդ՝ նզովյալ իռլանդացիները։

Այս վիրավորական կենացն առաջարկելով՝ Կոլհաունը մի քայլ արեց դեպի ետ և արմունկով հրեց մուստանգերին, որը հենց նոր բաժակը մոտեցրել էր շրթունքներին։

Վիսկին թափվեց բաժակից և թրջեց մուստանգերի վերնաշապիկը։

Պատահականությո՞ւն էր արդյոք այդ։ Ոչ ոք ոչ մի րոպե իսկ չէր կասկածում, որ դիտմամբ էր արված։ Այդպիսի կենացի հետ արված այդ շարժումը միայն դիտմամբ և կանխամտածված կարող էր լինել։

Բոլոր ներկաները սպասում էին, որ Մորիսն իսկույն կհարձակվի վիրավորանք հասցնողի վրա։ Բայց նրանք հիասթափված և նույնիսկ զարմացած էին, որ մուստանգերը հապաղում էր։ Ոմանք նույնիսկ մտածում էին, թե նա լուռ ու մունջ կուլ կտա այդ վիրավորանքը։

― Եթե սա լռեց,― շշնջաց Հենկոկը Սլոումենի ականջին,― արժե վզակոթին տալով դուրս շպրտել այստեղից։

― Մի՛ անհանգստացեք,― նույնպես շշուկով պատասխանեց հետևազորայինը։― Այդպիսի բան չի լինի։ Ես, ինչպես գիտեք, գրազ գալ չեմ սիրում, բայց ահա, իմ մեկ ամսվա ռոճիկն եմ դնում, եթե մուստանգերը չհասցնի ինչպես պետքն է։ Եվ էլի նույնքան դնում եմ ասելով, որ Կասսի Կոլհաունն ուրախ չի լինի այդպիսի հակառակորդի հանդիպելու համար, թեև այս րոպեին կարծես թե Ջերալդին ավելի շատ իր վերնաշապիկն է անհանգստացնում, քան թե կրած վիրավորանքը։ Ի՜նչ պտուղ է նա։

Մինչ սրանք այսպես փսփսում էին իրար հետ, այն մարդը, որ բոլորի ուշադրության կենտրոնն էր, անվրդով կանգնած էր վաճառասեղանի առաջ։ Նա ցած դրեց իր բաժակը, գրպանից հանեց մետաքսե թաշկինակը և սկսեց սրբել վերնաշապկի ասեղնագործած կուրծքը։

Նրա շարժումների մեջ կար անվրդով հանգստություն, որը դժվար էր վախկոտության արտահայտություն համարել։ Եվ նրանք, ովքեր կասկածում էին, հասկացան, որ սխալվել են։ Բոլորը լուռ սպասում էին շարունակությանը։

Երկար սպասելու հարկ չեղավ․ այդ ամբողջ դիպվածը, ներառյալ նաև իրար հետ փսփսոցը, մի քսան վայրկյանից ավելի չտևեց, որից հետո սկսվեց գործողությունը, ավելի շուտ՝ հնչեցին բառեր, որոնք նախաբանն էին․

― Ես իռլանդացի եմ,― ասաց մուստանգերը գրպանը դնելով իր թաշկինակը։

Պատասխանը թվաց շատ հասարակ և փոքր-ինչ ուշացած, բայց բոլորը հասկացան նրա նշանակությունը։ Եթե վայրի ձիերի որսորդը Կասսի Կոլհաունի քիթը քաշեր, դա ավելի պարզ չէր լինի, որ մարտահրավերն ընդունված է։ Խոսքի լակոնիկությունը միայն ընդգծում էր վիրավորանք կրածի մտադրության լրջությունը։

― Դո՞ւք,― արհամարհանքով հարցրեց Կոլհաունը դառնալով նրան և թևերը կանթելով։― Դո՞ւք,― շարունակեց նա մի հայացքով ոտքից գլուխ չափելով մուստանգերին։― Դուք իռլանդացի՞ եք։ Չի կարող պատահել, երբեք մտքովս չէր անցնի։ Ես ձեզ մեքսիկացու տեղ կդնեի, նայելով ձեր հագուստին և վերնաշապկի ասեղնագործած նախշերին։

― Եվ ի՞նչ գործ ունեք դուք իմ հագուստի հետ, միստր Կոլհաուն։ Բայց քանի որ դուք թրջեցիք իմ վերնաշապիկը, ապա թույլ տվեք ինձ պատասխանել նույն ձևով և լվանալ օսլան ձեր հագուստից։

Այս ասելով, մուստանգերը վերցրեց իր բաժակը, և նախքան պաշտոնաթող կապիտանը կկարողանար շուռ գալ, նրա երեսին շպրտեց բաժակում եղած վիսկիի մնացորդը, որից Կոլհաունը սկսեց սաստիկ հազալ ու փռշտալ, ի բավականություն ներկաների մեծ մասի։ Բայց հավանության շշուկներն իսկույն լռեցին։ Այժմ արդեն խոսակցությունների ժամանակ չէր։ Բացականչություններին փոխարինեց մեռելային լռությունը։ Բոլորը հասկացան, որ գործը լուրջ ընթացք ստացավ։ Վեճը վերջանալու էր մենամարտով։ Ոչ մի ուժ դրա առաջն առնել չէր կարող։

Գլուխ XX․ Վտանգավոր դրություն

Վիսկիի լոգանք ստանալով՝ Կոլհաունը ձեռքը տարավ ատրճանակին և հանեց պատյանից։ Բայց նախքան իր հակառակորդի վրա հարձակվելը նա զբաղվեց աչքերը սրբելով։

Մուստանգերն էլ արդեն նույնպիսի զենք էր հանել և այժմ կանգնած սպասում էր կրակոցին կրակոցով պատասխանելու։

Վախկոտ հաճախորդներն իրար հրմշտելով խուճապահար նետվեցին դեպի դուռը։ Ոմանք պանդոկում մնացինք պարզապես չհասկանալով, թե ինչ է կատարվում, ուրիշները նրա համար, որ ավելի քաջ ու սառն արյուն էին և գիտակցում էին, որ փախչելիս կարող են գնդակը հենց իրենց մեջքին ստանալ։

Նորից տիրեց մեռելային լռություն, որը տևեց մի քանի վայրկյան։ Դա այն րոպեն էր, երբ բանականության որոշումը դեռ չէր փոխվել գործողության, շարժումի։

Գուցե և, եթե հակառակորդներն ուրիշ մարդիկ լինեին, այդ տևողությունն ավելի կարճ լիներ։ Ավելի անմիջական և ավելի քիչ փորձ ունեցող մարդիկ իսկույն ատրճանակները կկրակեին։ Բայց ո՛չ Կոլհաունը կաներ այդ, ո՛չ Ջերալդը։ Նրանք շատ անգամ էին ներկա եղել փողոցային մենամարտերի, մասնակցել էին նրանց և գիտեին, թե այդպիսի դեպքերում որքան վտանգավոր է շտապելը։ Ամեն մեկը որոշել էր անվրեպ կրակել։ Դրանով էլ բացատրվում էր հապաղումը։

Իսկ նրանց համար, ովքեր դուրսն էին և նույնիսկ դռնից ներս նայել չէին համարձակվում, այս հապաղումը համարյա տանջալից էր։

Ատրճանակների կրակոցները, որ նրանք ամեն րոպե պատրաստ էին լսելու, վերջ կտային լարվածությանը։ Եվ նրանք համարյա հիասթափվեցին, երբ կրակոցի փոխարեն լսվեց մայորի բարձր ու տիրական ձայնը․

― Սպասեցե՛ք,― գոչեց մայորն այնպիսի մարդու տոնով, որը սովոր է, որ իրեն ենթարկվեն, և, թուրը մերկացնելով, երկու ախոյաններին բաժանեց։― Չկրակե՛լ, հրամայում եմ երկուսիդ էլ։ Իջեցրեք ձեր զենքը, հակառակ դեպքում, Աստված վկա, կկտրեմ նրա ձեռքը, ով առաջինը փորձի կրակել։ Սպասեցե՛ք, ասում եմ ձեզ։

― Ինչո՞ւ,― գոչեց Կոլհաունը անզուսպ կատաղությունից ամբողջապես կարմրելով։― Ինչո՞ւ համար, մայոր Ռինգվուդ։ Այսպիսի վիրավո-րանք ստանալուց հետո, այն էլ սատանան գիտե, թե ումից․․․

― Դուք սկսեցիք, կապիտան Կոլհաուն։

― Հետո ի՞նչ։ Ես այն մարդկանցից չեմ, որոնք տանում են վիրավորանքը։ Հեռացե՛ք իմ ճանապարհից, մայո՛ր։ Այս վեճը ձեզ չի վերաբերում, և դուք իրավունք չունեք խառնվելու։

― Մի՞թե։ Հա՛-հա՛-հա՛։ Սլոումեն, Հենկոկ, Կրոսմեն, լսո՞ւմ եք, ի՞նչ է ասում։ Ես իրավունք չունեմ խառնվելու․․․ Պաշտոնաթող կապիտան Կասսի Կոլհաուն, մի՛ մոռացեք, թե որտեղ եք գտնվում։ Մի՛ երևակայեք, թե դուք Միսսիսիպի նահանգումն եք, ստրուկներին բզկտող ձեր «ազնվածին հարավցիների» մեջ։ Այստեղ, սըր, զինվորական ամրոց է։ Այստեղ գործում են զինվորական օրենքները, և ձեր խոնարհ ծառային հանձնարարված է այս ամրոցի հրամանատարությունը։ Ուստի և ես հրամայում եմ ձեր ատրճանակը դնել այնտեղ, որտեղից հանել եք։ Եվ հենց այս վայրկյանին, հակառակ դեպքում ես ձեզ հասարակ զինվորի նման կուղարկեմ կալանատուն։

― Մի՞թե,― ֆշշացրեց Կոլհաունը։― Ի՜նչ սքանչելի երկիր եք ուզում դարձնել Տեխասը։ Նշանակում է, մարդ ինչպիսի վիրավորանք էլ ստանա, իրավունք չունի՞ մենամարտելու առանց ձեր թույլտվության, մայոր Ռինգվուդ։ Այդպե՞ս են այստեղի օրենքները։

― Ամենևի՛ն,― պատասխանեց մայորը։― Ես երբեք չեմ խանգարում վեճը լուծել ազնիվ ճանապարհով։ Ձեզ և ձեր հակառակորդին ոչ ոք չի արգելում սպանել իրար, եթե այդ ձեզ հաճելի է։ Միայն թե ո՛չ այժմ։ Դուք պետք է հասկանաք, միստր Կոլհաուն, որ ձեր այդ զվարճությունը վտանգավոր է ուրիշների կյանքի համար։ Ես ամենևին միտք չունեմ զոհ դառնալու մի գնդակի, որը նախատեսված է մի ուրիշի համար։ Սպասեցեք, մինչև մենք բոլորս քաշվենք ապահով տեղ։ Այն ժամանակ, խնդրե՜մ, կրակեցեք որքան ձեր սիրտն ուզում է։ Դե՛, հուսով եմ, սըր, որ հիմա դուք բավարարվա՞ծ եք։

Եթե մայորը մի սովորական մարդ լիներ, դժվար թե այդ կարգադրությունը կատարվեր։ Բայց նա ամրոցի ավագ սպան էր, հարգարժան տարիքի մի մարդ, դրան ավելացրած՝ հիանալի տիրապետում էր զենքին, և, ինչպես լավ հայտնի էր բոլորին, չէր հանդուրժի, որ անտեսվեն իր հրամանները։ Նա դատարկ սպառնալիքի համար չէր մերկացրել իր թուրը։

Հակառակորդները գիտեին այդ։ Նրանք միաժամանակ ցած իջեցրին իրենց զենքերի փողերը, բայց շարունակեցին ձեռքերում պահել։

Կոլհաունը կանգնած էր հոնքերը կիտած, ատամները սեղմած, ինչպես արյունռուշտ վայրի գազան, որին խանգարել են հարձակվել իր զոհի վրա։ Այնինչ մուստանգերը կարգադրությանը ենթարկվեց հանգիստ, առանց ակներև վրդովմունքի։

― Կարծում եմ, դուք հաստատ որոշել եք մենամարտել,― ասաց մայորը, լավ հասկանալով, որ ախոյաններին հաշտեցնելու հույս համարյա չկա։

― Ես չեմ պնդի, որ անպայման մենամարտենք,― համեստորեն պատասխանեց Մորիսը։― Եթե միստր Կոլհաունը ներողություն խնդրի իր խոսքերի և արածի համար․․․

― Նա պե՞տք է անի այդ, նա՛ սկսեց վեճը,― միջամտեցին այդ խո-սակցությանը ներկա գտնվող մարդկանցից մի քանիսը։

― Երբե՛ք,― գոռոզաբար պատասխանեց պաշտոնաթող կապիտանը։― Կասսի Կոլհաունը սովոր չէ ներողություն խնդրել, այն էլ այսպիսի մի պճնազարդ կապկից։

― Բավակա՛ն է,― գոչեց իռլանդացին, առաջին անգամ իր զայրույթը ցույց տալով։― Ես ուզում էի նրան իր կյանքը փրկելու հնարավորություն տալ։ Նա հրաժարվեց դրանից։ Իսկ այժմ, երդվում եմ բոլոր սրբերով, մեզանից մեկը կենդանի չի դուրս գա այս սենյակից։ Մայոր, թախանձագին խնդրում եմ ձեզ և ձեր բարեկամներին՝ հեռանալ այստեղից։ Ես այլևս չեմ կարող տանել նրա լկտիությունը։

― Հա՛-հա՛-հա՛,― հնչեց Կոլհաունի արհամարհական քրքիջը։― «Իմ կյանքը փրկելու հնարավորությո՜ւն»։ Հեռացե՛ք այստեղից, բոլորդ հեռացեք։ Ես նրան ցո՛ւյց կտամ։

― Սպասեցե՛ք,― գոչեց մայորը՝ սիրտ չանելով մեջքը դարձնել մենամարտի մասնակիցների կողմը։― Այդպես չի՛ կարելի։ Գուցե դուք մի վայր-կյան ավելի շուտ կրակեք, քան հարկավոր է։ Մենք պետք է ավելի շուտ դուրս գանք, քան դուք կսկսեք ձեր կռիվը։ Բացի դրանից, ջենտլմեննե՛ր,― շարունակեց նա, դառնալով սենյակում եղածներին,― չէ՞ որ անհրաժեշտ է մենամարտի կանոնները պահպանել։ Եթե սրանք ուզում են մենամարտել, երկու կողմն էլ պետք է միևնույն պայմաններում լինեն։ Ամենից առաջ երկուսն էլ պետք է զինված լինեն միանման և պետք է ազնվաբար սկսեն։

― Իհարկե, դուք իրավացի եք,― ասացին ներկա եղողներից մի տասը մարդ։ Բոլորը նայում էին մենամարտողներին և սպասում, թե ինչպես կվերաբերվեն նրանք դրան։

― Հուսով եմ, որ ձեզնից ոչ մեկը չի՞ առարկում սրան, շարունակեց մայորը հարցական։

― Արդարացի պահանջին ես առարկել չեմ կարող,― պատասխանեց իռլանդացին։

― Ես կռվելու եմ այն զենքով, որ բռնած ունեմ ձեռքիս,― չարությամբ ասաց Կոլհաունը։

― Համաձայն եմ։ Դա ինձ համար ևս հարմար զենք է,― պատասխա-նեց նրա հակառակորդը։

― Տեսնում եմ, որ երկուսինդ էլ Կոլտի համար երկու վեցկրականի ատրճանակ է,― ասաց մայորը։― Առայժմ ամեն ինչ կարգին է․ դուք միանման եք զինված։

― Արդյոք նրանք էլի ուրիշ զենք չունե՞ն,― հարցրեց երիտասարդ Հենկոկը, կասկածելով, որ կապիտանի բաճկոնի փեշի տակ կարող է դանակ էլ լինել։

― Ես ուրիշ ոչինչ չունեմ,― պատասխանեց մուստանգերն այնպիսի անկեղծությամբ, որը նրա խոսքերի ճշտության ոչ մի կասկած չէր թողնում։

Բոլորը նայեցին Կոլհաունին, որը հապաղում էր պատասխանել։

Կապիտանը հասկացավ, որ պետք է խոստովանի․

― Ես մի դանակ էլ ունեմ։ Հուսով եմ, որ դուք չեք մտածի վերցնել այն ինձանից։ Ես կարծում եմ ամեն ոք իրավունք ունի իր մոտ ունենալու այն զենքը, որ կրում է։

― Բայց, կապիտան Կոլհաուն,― շարունակեց Հենկոկը,― ձեր հակառակորդը դանակ չունի։ Եթե դուք չեք վախենում նրա հետ կռվել հավա-սար պայմաններում, պետք է հրաժարվեք ձեր դանակից։

― Այո, իհարկե,― գոռացին մի քանի հոգի։― Նա պետք է հրաժարվի։

― Տվե՛ք ինձ դանակը, կապիտան Կոլհաուն,― ասաց մայորը ազդու տոնով։― Վեցկրականի ատրճանակը պետք է գոհացնի ամեն մի ողջամիտ մարդու, և կարիք չի լինի սառը զենքի դիմելու։ Չէ՞ որ հենց որ կրակեցիք, ձեզնից մեկը․․․

― Գրողի ծոցը գնա,― գոռաց Կոլհաունը բաճկոնի կոճակներն արձակելով։ Դանակը հանելով՝ նա նետեց սենյակի դիմացի անկյունը և խրոխտ ձայնով ասաց,― այս պճնված թռչնակի համար ինձ դանակ հարկավոր էլ չէ․ առաջին իսկ կրակոցով ես նրան վերջ կտամ։

― Դուք այդ ասելու ժամանակ կունենաք, երբ գործով ապացուցած կլինեք։ Եվ մի՛ երևակայեք, թե ձեր պարծենկոտ խոսքերն ինձ վախեցրին․․․ Խնդրում եմ ձեզ շուտ ցրվեցեք, ջենտլմեննե՛ր։ Ես պետք է վերջ դնեմ այս պարծենկոտությանն ու հայհոյանքին։

― Շո՛ւն,― կատաղորեն թշշաց «ազնվածին հարավցին»։― Իռլանդական գարշելի շո՞ւն։ Ես քեզ կուղարկեմ քո բնում ոռնալու։ Ես․․․

― Ամաչեցե՛ք, կապիտան Կոլհաուն,― ընդհատեց նրան մայորն ընդհանուր վրդովմունքի մեջ։― Դրանք ավելորդ խոսքեր են։ Ամենևին վայել չէ այդպես պահել իրեն կարգին հասարակության մեջ։ Համբերեցեք էլի մի րոպե և հետո կասեք, ինչ ցանկանում եք։ Այժմ, ջենտլմեննե՛ր, մի պայման ևս,― ասաց նա՝ դառնալով շրջապատողներին։― Պետք է սրանցից խոստում առնել, որ կրակել չեն սկսի, մինչև մենք բոլորս այստեղից չհեռանանք։

Իսկույն դժվարություն ծագեց։ Ինչպե՞ս սկսել մենամարտը։ Կրքերի այդքան բորբոքված պայմաններում հասարակ խոստումը քիչ բան էր։ Ախոյանները, գոնե նրանցից մեկը հազիվ թե կրակելու թույլտվության սպասեր։

― Անհրաժեշտ է, որ կրակոցն ազդանշանով սկսվի,― շարունակեց մայորը։― Եվ սրանցից ոչ մեկը չպետք է կրակի, մինչև այդ ազդանշանը չտրվի։ Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե ինչ ազդանշան տանք։

― Ինձ թվում է՝ ես կարող եմ,― առաջ գալով ասաց ողջամիտ կապի-տան Սլոումենը։― Թող միստր Կոլհաունը և միստր Ջերալդը մեզ հետ միասին դուրս գան։ Եթե նկատել եք, այս պանդոկի հակադիր ծայրերին դռներ կան։ Երկու դուռն էլ բոլորովին միանման դիրք ունեն։ Հետո նրանք երկուսն էլ նորից ներս կմտնեն այս շենքը։ Մեկը մի դռնով, երկրորդը՝ մյուսով և կսկսեն միայն այն ժամանակ, երբ շեմքը կանցնեն։

― Հիանալի է․․․ Դա հենց այն է, ինչ հարկավոր է, լսվեց այս ու այն կողմից։

― Իսկ ի՞նչն է լինելու ազդանշանը,― հարցրեց մայորը։― Կրակո՞ց։

― Ոչ, հյուրանոցի զանգը։

― Ավելի լավ բան մտածել չէր կարելի։ Հիանալի է,― ասաց մայորը՝ ուղղվելով դեպի հրապարակի վրա բացվող դուռը։

― Մայն գո՜տ[44], մայո՛ր,― գոռաց պանդոկապան գերմանացին, դուրս վազելով իր վաճառասեղանի ետևից, որտեղ մինչ այդ կանգնած էր սարսափից քարացած։― Մայն գո՜տ։ Մի՞թե նրանք կրակելու են իմ պանդոկի ներսում։ Ա՜խ։ Բայց չէ՞ որ նրանք կփշրեն իմ շշերը, իմ հիանալի հայելիները, ժամացույցը, սափորները, որոնք հարյուր, երկու հարյուր դոլար արժեն։ Նրանք կթափեն իմ ամենալավ գինիները։ Ա՜խ, մայո՛ր, տունս կքանդվի։ Ի՞նչ անեմ ես։ Մայն գո՜տ, ախր դա․․․

― Մի՛ անհանգստացեք, Օբերդոֆեր,― ասաց մայորը՝ կանգ առնելով։― Ես չեմ կասկածում, որ ձեր բոլոր վնասները կհատուցվեն։ Բայց, համենայնդեպս, դուք որևէ տեղ պետք է թաքնվեք։ Եթե մնալու լինեք ձեր բա-րում, անպայման մի գնդակ էլ ձեզ կդիպչի, իսկ դա, կարծում եմ, ավելի վատ կլինի, քան այն, որ ձեր շշերը կփշրեն։

Այս ասելով՝ մայորը թողեց շփոթված պանդոկապանին և շտապեց դուրս գալ փողոց, որտեղ հանդիպեց արդեն տարբեր դռներով դուրս եկած ախոյաններին։

Օբերդոֆերն էլ երկար չմնաց իր տեղում։ Հենց որ արտաքին դուռը շրխկաց մայորի ետևից, ներքին դուռն էլ շրխկաց հյուրանոցի տնօրենի ետևից։ Եվ բարը իր լամպերով, շողշողուն շշերով ու թանկագին հայելինե-րով թաղվեց խոր լռության մեջ, որտեղ լսվում էր միայն բյուրեղապակյա ծածկոցով ծածկված ժամացույցի համաչափ թիկ-թակը։

Գլուխ XXI․ Մենամարտ պանդոկում

Հյուրանոցից դուրս գալուց հետո մայորն այլևս չխառնվեց այդ գործին։ Ամրոցի պարետին վայել չէր մենամարտը խրախուսել, նույնիսկ եթե այն տեղի էր ունենում սահմանված կանոնների շրջանակներում։ Դրանով զբաղվեցին երիտասարդ սպաները, որոնք իսկույն գործի անցան։

Դրա համար շատ ժամանակ չպահանջվեց։ Պայմաններն արդեն որոշված էին։ Մնում էր միայն ներկաներից որևէ մեկին խնդրել, որ զանգը խփի, որը և մենամարտը սկսելու ազդանշանն էր լինելու։

Դա դժվար բան չէր, քանի որ նշանակություն չուներ, թե ով կխփի զանգը։ Նույնիսկ երեխան կարող էր այդ սոսկալի կռիվն սկսելու ազդանշան տալ։

Եթե այդ պահին մի կողմնակի դիտող պատահաբար «Բարի գալուստ» հյուրանոցի առջևի հրապարակն ընկներ, շատ կզարմանար, թե ինչ է կատարվում այնտեղ։ Գիշերը բավական խավար էր, բայց և այնպես այնքան լույս կար, որ երևում էր հյուրանոցի առջև հավաքված բազմությունը։ Նրանց մեծ մասը զինվորական համազգեստով էր։ Այստեղ միայն պանդոկից դուրս եկած սպաներ չէին, այլև ուրիշները, ինչպես նաև ծառայությունից ազատ զինվորներ, որոնք լսել էին, թե հրապարակում ինչ-որ բան է կատարվում։ Զինվորների կանայք, լվացարարուհիները և կասկածելի համբավ ունեցող մի քանի կայտառ սինյորաներ շտապ հագնվելով դուրս թափվեցին փողոց և իրենցից առաջ եկածներին հարցնում էին, թե ի՞նչն է այս աղմուկի պատճառը։

Խոսում էին շշուկով։ Հայտնի էր, որ հրապարակումն են գտնվում մայորը և իշխանության ուրիշ ներկայացուցիչներ, և այդ զսպում էր հավաքվածներին։

Ամբոխը հավաքվել էր ոչ թե ուղիղ հյուրանոցի առաջ, այլ նրանից մոտ տասներկու յարդ հեռու մի բաց տարածության վրա։ Բոլորը լարված նայում էին հյուրանոցին։ Նրանք հետևում էին այն երկու մարդուն, որոնք կանգնած էին իրարից հեռու, գերանաշեն շենքի երկու հակադիր ծայրերում։

Չնայած այդ երկու մարդը իրարից բաժանված էին գերանակառույց հաստ պատերով և միմյանց չէին տեսնում, բայց նրանց շարժումները միանման էին, ասես առաջանում էին միևնույն մղումով։ Յուրաքանչյուրը կանգնած էր մի դռան մոտ, որի միջով դուրս հորդող պայծառ լույսը լայն շերտերով ընկնում էր հրապարակի խճաքարերի վրա։ Նրանք կանգնած էին ոչ թե ուղիղ մուտքի առաջ, այլ մի քիչ հեռու, լույսից դուրս։ Երկուսն էլ թեթևակի կռացել էին, ինչպես առաջ նետվելու պատրաստ վազողները՝ ստարտից առաջ։ Երկուսն էլ լարված նայում էին դեպի պանդոկ, որտեղից լսվում էր միայն ժամացույցի տիկ-տակը։ Նրանց դիրքից կարելի էր հասկանալ, որ երկուսն էլ պատրաստ են այնտեղ մտնելու, և միայն պայմանական նշանին են սպասում։

Այդ երկու մարդկանց հագուստի մեջ ոչ մի ավելորդ բան չկար, ոչ մի բան, որը կարողանար խանգարել նրանց շարժումներին․ նրանք գլխաբաց էին, միայն վերնաշապիկներով, նրանց դեմքն ու դիրքը ցույց էր տալիս անսասան վճռականություն։

Դժվար չէր կռահել նրանց մտադրությունը։ Պատահաբար հյուրանոցի առջևի հրապարակն ընկած կողմնակի դիտողը առաջին իսկ հայացքից կարող էր հասկանալ, որ մահու և կենաց խնդիր է։ Ձեռքերում բռնած ու վեր բարձրացրած ատրճանակները, նրանց դիրքի լարվածությունը, հետաքրքրասերների ամբոխի մեջ տիրող լռությունը և, վերջապես, լարված հետաքրքրությունը, որով բոլորը նայում էին այդ երկու մարդուն, ամեն մի խոսքից ավելի պարզ ասում էին, որ այստեղ մի սարսափելի բան է կատարվում։ Կարճ ասած՝ դա մի ընդհարում էր, որի ելքը կարող էր մահ լինել։

Հասավ վճռական պահը։ Մենամարտողները լարված նայում էին այն դռներին, որոնցով պետք է ներս մտնեին և գուցե թե այլևս երբեք չվերադառնային։ Նրանք միայն ազդանշանին էին սպասում, որպեսզի շեմքն անցնեն և սկսեն մենամարտը, որը ճակատագրական էր լինելու նրանցից մեկի համար, կամ գուցե և երկուսի համար էլ։

Արդյոք սպասո՞ւմ էին ճակատագրական խոսքերին՝ «մեկ-երկու․․ երեք, կրա՛կ»։

Ո՛չ։ Որոշված էր ուրիշ ազդանշան, և այն հնչեց։ Ինչ-որ մի բարձր ձայն գոչեց․

― Զա՜նգ։

Այն սյունի մոտ, որից զանգն էր կախված, կարելի էր նկատել երեք-չորս մութ ստվեր։ Հրամանից հետո նրանք շարժվեցին։ Նրանց ձեռքերի շարժումի հետ, որ մթության մեջ հազիվ էր նկատվում, հնչեց զանգի ուժեղ զնգոցը։ Այդ ձայնը, որ սովորաբար ուրախ զնգոցով մարդկանց ճաշի էր կանչում, այժմ մահացու կռիվ սկսել ու ազդանշան էր։

Զնգոցը կարճ տևեց։ Առաջին իսկ հարվածից հետո պարանը քաշող մարդիկ տեսան, որ իրենց ծառայության կարիքն այլևս չկա։ Ախոյանները նետվեցին պանդոկ, լսվեցին ատրճանակների կրակոցների չոր ճայթյունները, փշրված ապակու զնգոցը, և զանգահարողները հասկացան, որ իրենք միայն ավելորդ աղմուկ են անում։ Պարանը թողնելով նրանք էլ միացան մյուսներին և սկսեցին ականջ դնել։

Բացի մասնակիցներից ուրիշ ոչ ոք չտեսավ, թե ինչպես ընթացավ այդ տարօրինակ մենամարտը։

Ջանգի առաջին իսկ հնչյունի հետ երկու ախոյանները մտան պանդոկ։ Նրանցից ոչ մեկը դուրսը չմնաց։ Այդպես անելը վախկոտություն կհամարվեր։ Հարյուրավոր աչքեր հետևում էին նրանց, և հանդիսատեսները գիտեին մենամարտի պայմանները․ ոչ մեկը, ոչ մյուսը շեմքն անցնելուց առաջ չպիտի կրակեր։

Հենց որ նրանք ներս մտան, որոտացին առաջին կրակոցները։ Սե-նյակը ծխով լցվեց։ Երկու հակառակորդներն էլ շարունակում էին կանգնած մնալ, թեև երկուսն էլ վիրավորված էին։ Նրանց արյունը ցողեց հատակի սպիտակ ավազի վրա։

Հետևյալ կրակոցը երկու կողմից էլ միաժամանակ եղավ, բայց կրակել էին ենթադրաբար, որովհետև ծուխը խանգարում էր մենամարտողներին։

Հետո կրակոցներ լսվեցին իրար ետևից, ապա լռություն տիրեց։

Դրանից առաջ լսվում էր, թե ախոյաններն ինչպես են շարժվում սենյակում։ Այժմ այլևս այդ ձայնը չէր լսվում։

Խոր լռություն տիրեց։ Արդյոք սպանեցի՞ն իրար։ Ո՛չ։ Նորից լսվող երկու կրակոցից կարելի էր կռահել, որ երկուսն էլ ողջ են։ Ընդմիջման պատճառը եղել էր այն, որ ախոյանները ծխաքողի միջով լարված նայելով աշխատում էին իրար գտնել։ Երկուսն էլ լուռ էին և չէին շարժվում, որպեսզի իրենց տեղը չմատնեն։

Բայց լռություն տիրեց, այս անգամ ավելի երկար։ Ապա լռությունը խզվեց երկու կրակոցով, որոնց հետևեց երկու մարմինների ծանրորեն ընկնելու դղիրդը։

Հետո լսվեց թպրտոց, շուռ եկող աթոռների աղմուկ և էլի մի կրակոց՝ տասնմեկերորդը, որ և վերջինն էր։

Հետաքրքրվողների ամբոխը տեսնում էր միայն վառոդի ծխի ամպը, որ դուրս էր գալիս դռներից, լամպերի աղոտ առկայծումը և մերթընդմերթ լույսի բռնկումը, որին հաջորդում էր ճայթյունը․ ուրիշ ոչինչ։

Նրանք ավելի շատ լսում էին, քան տեսնում․ լսում էին փշրվող ապակու զրնգոց, կատաղի պայքարի պահին ցած թափվող կահույքի դղրդոց, տախտակե հատակին զարկվող ոտքերի թփթփոց և մերթընդմերթ՝ ատրճանակի կրակոցի ճայթյուն։ Բայց չէին լսվում այն մարդկանց ձայները, որոնց փոխադարձ ատելությունը նրանց հասցրել էր այդ ընդհարումին։

Դուրսը կանգնածներից ոչ ոք չէր իմանում, թե ինչ է կատարվում պանդոկի ներսում, միայն կրակոցների ձայներից կարելի էր հասկանալ, թե ինչպես է ընթանում մենամարտը։ Հաշվեցին տասնմեկ կրակոց։ Ամբոխը, շունչն իրեն պահած, սպասում էր տասներկուերորդ կրակոցին։ Բայց կրակոցի փոխարեն լսվեց մուստանգերի ձայնը։

― Իմ ատրճանակն ուղղված է ձեր քունքին։ Ես դեռ էլի մեկ փամփուշտ ունեմ։ Ներողություն խնդրեցեք, թե չէ՝ կմեռնեք։

Ամբոխը հասկացավ, որ մենամարտը մոտենում է վախճանին։ Մի քանի սրտապինդ մարդ լուսամուտից ներս նայեցին։ Նրանք հակառակորդներին տեսան հատակին փռված։ Երկուսն էլ արնաշաղախ էին, երկուսն էլ ծանր վիրավոր։ Նրանց շուրջը սպիտակ ավազը կարմրել էր արյունից։ Ավազի վրա երևում էին գալարուն հետքերը, որով ախոյանները սողալով մոտեցել էին իրար, որպեսզի մի վերջին անգամ կրակեն։ Վիրավորներից մեկը, որ վելվետե շալվար ուներ հագին և մեջքին կարմիր շարֆ, կռացել էր մյուսի վրա և ատրճանակը նրա քունքին դեմ արած՝ մահ էր սպառնում։

Այս էր այն պատկերը, որ տեսան ներս նայողները, երբ քամին վառոդի ծխաքողը ցրեց, և հնարավորություն եղավ տեսնելու, թե ինչ է կատարվում ներսում։

Այդ ժամանակ էլ լսվեց մի ուրիշ ձայն ևս, Կոլհաունի ձայնը։ Նրա տոնն այլևս գոռող չէր։ Դա ուղղակի ողբագին շշուկ էր․

― Բավական է․․․ Իջեցրեք ձեր ատրճանակը․․․ Ես ներողություն եմ խնդրում․․․

Գլուխ XXII․ Հանելուկային ընծան

Մենամարտը Տեխասում մի չտեսնված բան չէ։ Երեք օր չանցած՝ նրա մասին արդեն դադարում են խոսել, իսկ մի շաբաթ հետո նույնիսկ չեն էլ հիշում, իհարկե, բացի մենամարտողներից ու նրանց մերձավորներից։

Այդպես է լինում նույնիսկ այն դեպքում, եթե մենամարտել են հասարակության մեջ բարձր դիրք գրավող հարգված մարդիկ։ Իսկ եթե մենամարտողներն անհայտ չքավոր մարդիկ են կամ եկվորներ, մեկ օրն էլ բավական է նրանց քաջագործությունը մոռացության տալու համար։ Դա մնում էր միայն մասնակիցների հիշողության մեջ, այն էլ հաճախ միայն մեկի՝ ողջ մնացածի և թերևս մեկ էլ այն ձախորդ հանդիսատեսի հիշողության մեջ, որին մի մոլորված գնդակ է դիպել, կամ պատահաբար դանակի հարված է ստացել։

Ես հաճախ եմ ականատես եղել «փողոցային ընդհարումների» հենց ուղղակի սալահատակի վրա, որտեղ բոլորովին անմեղ, անհոգ զբոսնող քաղաքացիները վիրավորվել կամ նույնիսկ սպանվել են այդ, յուրահատուկ մենամարտերի պատճառով։

Ես երբեք չեմ լսել, որ մեղավորները պատիժ կրեն կամ նյութական վնասները հատուցեն․ այդպիսի պատահարները սովորաբար համարվում են «դժբախտ դեպքեր»։

Չնայած Կասսի Կոլհաունը, ինչպես և Մորիս Ջերալդը համեմատաբար վաղուց չէին եկել այդ ավանը, ընդ որում Մորիսը միայն երբեմն էր գալիս ամրոց, այնուամենայնիվ, նրանց մենամարտն արտակարգ հետաքրքրություն առաջացրեց, և նրա մասին խոսում էին ինն օր շարունակ։ Կապիտանի տհաճ, ամբարտավան բնավորությունը և մուստանգերին շրջապատող խորհրդավորությունը, երևի, պատճառ եղան, որ այդ մենամարտը բոլորովին հատուկ տեղ գրավեց․ այդ երկու մարդու մասին, նրանց առավելությունների ու թերությունների մասին խոսում էին նրանց մենամարտից հետո էլ դեռ շատ օրեր, և ամենից ավելի տաք-տաք խոսում էին հյուրանոցի պանդոկում, այնտեղ, որտեղ թափվել էր նրանց արյունը։

Հաղթողն ընդհանուրի հարգանքն էր նվաճել և նորանոր բարեկամներ էր ձեռք բերել։ Նրա հակառակորդի կողմը շատ քչերը կային միայն։ Մեծամասնությունը մենամարտի արդյունքից գոհ էր մնացել։ Չնայած Կոլհաունը միայն վերջերս էր փոխադրվել այդ կողմերը, Բայց արդեն իր հանդուգն լկտիությամբ պանդոկի մշտական հաճախորդներից շատ շատերին իր դեմ էր հանել։ Բոլորը գտնում էին, որ երիտասարդ իռլանդացին նրան լավ դաս է տվել, և դրա մասին խոսում էին հավանություն տալով։

Թե Կասսի Կոլհաունն ինչպես տարավ իր պարտությունը, ոչ ոք չգիտեր։ Նրան այլևս չէին տեսնում պանդոկում, որի մշտական հաճախորդն էր նա։ Բայց նրա բացակայության պատճառը հասկանալի էր, ծանր վերքերը երկար ժամանակով անկողնին էին գամել նրան։

Չնայած Մորիսի վերքերն այնքան ծանր չէին, որքան իր ախոյանինը, այնուամենայնիվ, նա էլ գամվեց անկողնին։ Նա ստիպված եղավ մնալ Օբերդոֆերի հյուրանոցում, մի համեստ սենյակում, որովհետև նույնիսկ հաղթողի փառքը չէր փոխել հյուրանոցի տիրոջ անուշադիր վերաբերմունքը նրա նկատմամբ։

Մենամարտից հետո շատ արյուն կորցնելով՝ նա գիտակցությունը կորցրել էր։ Նրան որևէ տեղ փոխադրել չէր կարելի։ Անհրապույր մի սենյակում պառկած՝ նա կարող էր միայն նախանձել այն հոգատարությանը, որով շրջապատված էր իր վիրավոր ախոյանը։ Բարեբախտաբար Ֆելիմը նրա մոտ էր, թե չէ՝ ավելի վատ դրության մեջ կընկներ։

― Սո՜ւրբ Պատրիկ,― հառաչում էր հավատարիմ ծառան։― Ախր սա խայտառակություն է, կատարյալ այլանդակություն՝ ջենտլմենին խցկել այսպիսի մի բնի մեջ, այն էլ ձեզ նման ջենտլմենին, միստր Մորիս։ Եվ ուտելիքն էլ մի բանի նման չէ, ոչ էլ գինին։ Լավ բտված իռլանդական գոճին երևի չէր ուտի այն, ինչով մեզ կերակրում են այստեղ։ Եվ ի՞նչ եք կարծում, այդ քավթառ Դոֆերն ի՞նչ էր ասում ցածում․․․

― Ես ոչ մի պատկերացում չունեմ, սիրելի Ֆելիմ, և ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ էր ասում Օբերդոֆերը ցածում, բայց եթե դու չես ուզում, որ նա լսի, թե ինչ ես ասում դու վերևում, ապա ուրեմն չափավո-րիր, խնդրում եմ, քո ձայնը։ Մի՛ մոռացիր, սիրելիս, որ այս միջնապատերի միջով ամեն ինչ լսվում է։

― Գրողը տանի այս միջնապատերը։ Ձեզ համար միևնո՞ւյն է, թե նա ինչ էր ասում ձեր մասին։ Ես էլ իսկի բանի տեղ չեմ դնում, թե ինձ կլսեն։ Միևնույն է, այդ գերմանացին այնպես է վարվում, որ ավելի վատը լինել չի կարող։ Համենայնդեպս ես կասեմ, ձեզ հարկավոր է իմանալ այդ։

― Լավ, ասա։ Ի՞նչ էր ասում նա։

― Ա՜յ թե ինչ։ Ես լսեցի, թե ինչպես նա իր բարեկամներից մեկին ասում էր, որ ձեզ ստիպելու է վճարել ոչ միայն սենյակի, ճաշի ու լվացքի համար, այլև բոլոր փշրված շշերի, հայելու և մյուս իրերի համար, որ կոտրտվել ու փշրվել են այն գիշերը։

― Ինձ ստիպելու է վճարե՞լ։

― Այո՛, ձե՛զ, միստր Մորիս։ Եվ ոչ մի գրոշ չի պահանջելու այն յանկիից։ Ախր դա ստորություն է։ Միայն նզովյալ գերմանացին կարող է այդպիսի բան մտածել։ Թող վճարի նա, ով եփել է այս շփոթը, և ոչ թե դուք, Բալլիբալահի Ջերալդների շառավիղը։

― Իսկ դու չլսեցի՞ր, թե ինչու է նա կարծում, որ բոլորի համար ես պիտի վճարեմ։

― Ինչպես չէ, միստր Մորիս։ Այդ խարդախն ասում էր, որ դուք իր ձեռքն եք ընկել, և ձեզ բաց չի թողնի, մինչև բոլորի համար չվճարեք։

― Ոչինչ, նա շուտով կտեսնի, որ մի փոքր սխալվել է։ Ավելի լավ է, նա հաշիվը ներկայացնի թռչող կռունկին։ Ես Համաձայն եմ վճարել պատճառած վնասի կեսը, ո՛չ ավելին։ Դու կարող ես նրան ասել այս, եթե խոսք բացվի։ Թեև, ճիշտն ասած, Ֆելիմ, չգիտեմ, թե նույնիսկ այդ ինչպես կարող եմ անել ես։ Երևի այնտեղ շատ բան է կոտրտվել ու փշրվել։ Հիշում եմ՝ ինչ-որ բան շատ ուժեղ զնգզնգաց, երբ մենք կռվում էինք։ Կարծեմ հայե-լին փշրվեց, կամ ժամացույցը, կամ թե այդպիսի մի ուրիշ բան։

― Մեծ հայելին է եղել, միստր Մորիս, և ժամացույցի վրա դրված մի ինչոր ապակե բան։ Ասում են դա երկու հարյուր դոլար արժե։ Ստում են։ Երևի դրա կեսից ավելին չի արժենա։

― Թեկուզ այդքան, ինձ Համար Հիմա այդ էլ ծանր բան է։ Վախենում եմ, Ֆելիմ, որ դու ստիպված լինես գնալ Ալամո և այնտեղից բերել մեր բո-լոր գանձերը։ Այդ պարտքը վճարելու համար ես ստիպված պիտի լինեմ հրաժարվել իմ խթաններից, արծաթե գավաթից, գուցե նաև հրացանից։

― Միայն թե ո՛չ հրացանից, միստր Մորիս։ Մենք ինչպե՞ս կապրենք առանց հրացանի։

― Մի կերպ կապրենք, բարեկամս։ Ձիու միս կուտենք․ լասսոն մեզ կօգնի։

― Ճիշտ որ, և մեր ուտելիքը ավելի վատ չի լինի ծերունի Դոֆերի տված լափից։ Ամեն անգամ այստեղ ճաշելուց հետո իմ փորը ցավում է։

Այդ րոպեին դուռն առանց բախելու բացվեց, և շեմքում երևաց մի անդուր կերպարանք, կին թե տղամարդ դժվար էր ասել։ Նա իր ջլոտ ձեռքին բռնած ուներ մի զամբյուղ։

― Ի՞նչ կա, Հերտրուդ,― հարցրեց Ֆելիմը, որն ըստ երևույթին արդեն ճանաչել էր, որ դա սպասուհին է։

― Մի ինչ-որ ջենտլմեն խնդրեց այս ձեզ հանձնել,― պատասխանեց աղջիկը զամբյուղը մեկնելով։

― Ի՞նչ ջենտլմեն, Հերտրուդ։

― Ես նրան չեմ ճանաչում։ Առաջներում երբեք նրան չեմ տեսել։

― Մի ջենտլմեն է հանձնել։ Այդ ո՞վ կարող է լինել, Ֆելիմ։ Տես ի՞նչ կա մեջը։

Ֆելիմը զամբյուղը բաց արեց։ Այնտեղ նա տեսավ մի քանի շիշ գինի և զովացուցիչ խմիչքներ, և էլի շատ համեղ բաներ՝ կարկանդակ, թխվածք, տապակած միս։ Ոչ նամակ կար, ոչ գոնե մի երկտող։ Բայց գեղեցիկ ու խնամքով փաթաթվածքը կասկած չէր թողնում, որ այդ ծանրոցը պատրաստված է կնոջ ձեռքով։

Մորիսն սկսեց շուռ ու մուռ տալ ու դիտել զամբյուղի պարունակությունը, Ֆելիմի կարծիքով նրա համար, որ որոշի, թե որքան կարժենա այդ ամենը։ Բայց իրականում մուստանգերն ուրիշ բան էր մտածում․ նա երկտող էր որոնում։

Սակայն զամբյուղում ոչ մի նամակ չկար, նույնիսկ այցետոմս չգտնվեց։ Այդ ընծայի առատությունը, որը, ի դեպ, շատ լավ ժամանակին էր ստացվել, ոչ մի կասկած չէր թողնում, որ ուղարկողը հարուստ մարդ է։ Բայց ո՞վ կարող էր լինել։

Երբ Մորիսն այս հարցն էր տալիս իրեն, նրա երևակայության մեջ պատկերացավ մի չքնաղ դեմք, և մուստանգերն ակամա նրան կապեց անհայտ բարերարի հետ։ Մի՞թե դա Լուիզա Պոյնդեքստերն է եղել։

Չնայած այս ենթադրությունը այնքան էլ ճշմարտանման չէր, բայց և այնպես Մորիսն ուզում էր հավատալ, թե հենց այդպես էլ կլինի, և երբ այդպես էր հավատում, նրա սիրտը թրթռում էր երջանկությունից։

Բայց որքան ավելի էր մտածում, այնքան ավելի էր կասկածում, և նրա վստահությունից մնում էր միայն մի անորոշ հույս։

― «Ինչ-որ ջենտլմեն է տվել»,― կրկնեց Ֆելիմը, չգիտես ինքն իրեն խոսելով, թե դիմելով տիրոջը։― Հերտրուդն ասաց, որ ջենտլմեն էր։ Երևում է՝ բարեսիրտ մարդ է։ Բայց ո՞վ կարող է լինել։

― Բոլորովին չեմ հասկանում, Ֆելիմ։ Գուցե ամրոցի սպաներից որևէ մե՞կը։ Թեև կասկածում եմ, թե նրանցից մեկնումեկը այդպես ուշադիր լիներ դեպի ինձ։

― Պարզ է, որ նրանք չեն։ Սպաները և ընդհանրապես ոչ մի տղամարդ այս բանին խառը չի։

― Ինչո՞ւ ես այդպես կարծում։

― Ինչու եմ կարծո՜ւմ։ Օ՜, միստր Մորիս, դո՞ւք եք հարցնում այդ։ Ախր սա կնոջ մատների գործ է։ Աստված վկա, նայեցեք ինչ կարգին է դասավորված ամեն ինչ։ Ոչ մի տղամարդ այսպես չէր անի։ Այո՛, այո՛, սա կին է արել և այն էլ համարձակվում եմ հավատացնել ձեզ, իսկական լեդի։

― Հիմարություն ես ասում, Ֆելիմ։ Ես չգիտեմ մի լեդի, որը կարողանար այդպիսի հոգատարություն ցույց տալ ինձ։

― Չգիտե՞ք։ Այդ արդեն ճիշտ չէ, միստր Մորիս։ Իսկ ես գիտեմ։ Եվ եթե նա չհոգար ձեր մասին, դա սև ապերախտություն կլիներ նրա կողմից։ Դուք չէի՞ք, որ փրկեցիք նրա կյանքը։

― Ո՞ւմ մասին ես խոսում, Ֆելիմ։

― Իբր թե չգիտեք, տե՛ր իմ։ Իհարկե, խոսքս այն սիրունիկի մասին է, որն այն օրը ձեզ հետ միասին եղավ մեր խրճիթում։ Նա, որ նստել էր խատուտիկ մուստանգը, որ դուք նրան էիք ընծայել և մի քոռ գրոշ էլ չէիք վերցրել։ Եթե սա նրա ընծան չէ, ուրեմն Ֆելիմ Օ’Նիլը ամենամեծ ապուշն է ամբողջ Բալլիբալահում․․․ Ա՜խ, մաստեր Մորիս, խոսքս մեր հայրենի երկրին գնաց, և հիշեցի այնտեղ ապրողներին․․․ Իսկ ի՞նչ կասեր այն կապուտաչյա գեղեցկուհին, եթե իմանար, թե ինչպիսի վտանգի մեջ եք դուք։

― Վտա՞նգ։ Վտանգն արդեն անցել է։ Բժիշկն ասաց, որ մի շաբաթից հետո կարող եմ ման գալ։ Մի՛ վշտացիր, սիրելիս։

― Չէ՜, այդ չէ։ Ես այդ վտանգի մասին չեմ խոսում։ Ինքներդ գիտեք, թե ինչ եմ մտածում ես։ Սրտի վերք չունե՞ք դուք, մաստեր Մորիս։ Պատահում է՝ գեղեցիկ աչքերն ավելի վտանգավոր վերք են հասցնում, քան կապարե գնդակը։ Կամ գուցե որևէ մեկի սիրտը վերք է ստացել ձե՞ր աչ-քերից, և հենց նա էլ ուղարկել է ձեզ այս ընծան։

― Դուք բոլորովին խճճվեցիր, Ֆելիմ։ Երևի ծանրոցն ուղարկել է ամրոցից որևէ մեկը։ Բայց ով էլ ուղարկած լինի, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի մենք շատ ձևականություններ անենք նրա հետ։ Արի, ավելի լավ է, վայելենք։

Հիվանդը շատ մեծ բավականություն ստացավ զամբյուղի պարունակությունը վայելելով, բայց նրա մտքերն ավելի հաճելի էին․ նա երազում էր նրա մասին, ում հոգատարությունը թանկ էր իր համար։

Մի՞թե այս հիանալի ընծան ուղարկել է դեռատի կրեոլուհին, իր կատաղի թշնամու քեռու աղջիկը և, ինչպես ասում են, հարսնացուն։

Այս ենթադրությունը նրան քիչ հավանական էր թվում։

Բայց եթե նա չէ, հապա էլ ո՞վ է։

Մուստանգերը մի ձի կտար, ձիերի մի ամբողջ երամակ կտար, միայն թե հաստատվեր, որ ծանրոցն ուղարկել է Լուիզա Պոյնդեքստերը։

*  *  *



Անցավ երկու օր, իսկ գաղտնիքը մնում էր գաղտնիք։

Շուտով հիվանդին երկրորդ անգամ ուրախացրին նույնպիսի մի ընծայով։ Ստացվեց նույնպիսի մի զամբյուղ նոր շշերով ու թարմ քաղցրավենիով։

Նոր զամբյուղը բերող սպասուհուն հարցուփորձ արին, բայց արդյունքը նույնն էր․ «Մի ջենտլմեն բերեց, անծանոթ ջենտլմեն, այն նույնը, որ բերել էր առաջին անգամ»։ Նա կարողացավ միայն ավելացնել, որ այդ ջենտլմենը «շատ սև էր», որ գլխին մի փայլուն գլխարկ ուներ և պանդոկի դուռն էր եկել ջորի հեծած։

Անծանոթ բարերարի այս նկարագրությունը Մորիսին քիչ բավարարեց, բայց նա ոչ ոքի, նույնիսկ Ֆելիմին չհայտնեց իր մտքերը։

Երկու օր անց երրորդ զամբյուղից հետո, որ բերել էր նույն փայլուն գլխարկով ջենտլմենը, Մորիսն ստիպված եղավ մոռանալ իր երազանքը։ Դա չէր կարելի բացատրել զամբյուղի պարունակությամբ, որը ոչ մի բանով չէր տարբերվում նախորդներից։ Դրա պատճառը ժապավենով զամբյուղի կոթին կապված նամակն էր։

― Սա հո Իսիդորան է,― մրմնջաց Մորիսը ստորագրությանը նայելով։ Ապա բոլորովին անտարբեր բաց արեց թուղթը և սկսեց կարդալ իսպաներեն գրված նամակը, որի ճշգրիտ թարգմանությունը հետևյալն էր․

«Թանկագին սինյոր․

Մի շաբաթ ես հյուր եղա իմ հորեղբայր Սիլվիոյի մոտ։ Ես լուր ստացա, որ դուք վիրավորվել եք, և որ հյուրանոցում ձեզ վատ են սպասարկում։ Ընդունեցեք, խնդրում եմ, այս փոքրիկ ընծան ի հիշատակ այն մեծ ծառայության, որ դուք ցույց եք տվել ինձ։ Նամակս գրում եմ ձիու վրա նստած։ Մի րոպե հետո մեկնում եմ Ռիո Գրանդե։

Իմ բարերար, իմ կյանքի և դեռ ավելին՝ իմ պատվի-փրկիչ, մնաք բարո՜վ, մնաք բարով։

։։։։։։Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս»։

― Շնորհակալ եմ, շնորհակալ, սիրելի Իսիդորա,― շշնջաց մուստանգերը, նամակը ծալելով և անփութորեն գցելով վերմակի վրա։― Միշտ երախտագետ, ուշադիր, բարի․․․ Չլիներ Լուիզա Պոյնդեքստերը, գուցե ես սիրահարվեի քեզ․․․

Գլուխ XXIII․ Վրիժառության երդում

Իր սենյակում տառապող Կոլհաունը երևի կնախանձեր այսպիսի ուշադիր վերաբերմունքին։ Չնայած նա տանն էր պառկած և շրջապատված շքեղությամբ, բայց չէր կարող իրեն մխիթարել այն մտքով, թե աշխարհում կա մեկը, որ կապված է իր հետ։ Լինելով կասկածամիտ եսասեր՝ նա չէր հավատում բարեկամության և բարեկամներ չուներ։ Գամված լինելով անկողնին, սարսափ զգալով, թե իր վերքերը կարող են մահացու լինել, նա տառապում էր նաև այն գիտակցությունից, որ բոլորն անտարբեր են՝ ողջ կմնա ինքը, թե կմեռնի։

Եթե նրա նկատմամբ որոշ ուշադրություն ցույց էր տրվում, ապա այդ էլ միայն ազգակցական պարտականությունների սահմաններում։ Ուրիշ կերպ լինել չէր էլ կարող։ Նրա վերաբերմունքն իր քեռու դստեր ու որդու նկատմամբ հազիվ թե կարող էր մտերմություն ստեղծել նրանց միջև։ Նրա քեռին, հպարտ Վուդլի Պոյնդեքստերը, նրա նկատմամբ ուներ զզվանքի զգացմունք, որին միանում էր և վախը։

Ճիշտ է, այդ զգացմունքը միայն բոլորովին վերջերս էր առաջ եկել։ Ինչպես արդեն ասել ենք, Պոյնդեքստերն իր քրոջ որդու պարտապանն էր։ Այդ պարտքն այնքան էր մեծացել, որ փաստորեն Կոլհաունն էր դարձել Կասա դել Կորվոյի տերը։ Եվ այդ բանը նա կարող էր հայտարարել ամեն րոպե։

Վերջին ժամանակներս Կոլհաունը գործի էր դրել իր ամբողջ ազդեցությունը, որպեսզի Լուիզայի ձեռքն ստանա։ Վաղուց արդեն նա գժի պես սիրում էր այդ աղջկան։ Շուտով նա հասկացավ, որ դժվար թե իրեն հաջողվի ստանալ աղջկա համաձայնությունը, որովհետև ի պատասխան իր սիրահետումին՝ Լուիզան նույնիսկ չէր փորձում թաքցնել իր անտարբերությունը։ Դրա համար էլ Կոլհաունը որոշել էր իր ուզածին հասնել նրա հոր միջոցով լավ գիտակցելով իր իշխանությունը նրա նկատմամբ։

Ուստի, զարմանալի չէ, որ պաշտոնաթող կապիտանի ծանր հիվանդության օրերին ավելի քիչ ուշադրություն էին դարձնում նրան, քան կարող էր լինել ուրիշ հանգամանքներում։

Քանի դեռ հիվանդը մահվան վտանգ էր զգում, կարծես ավելի մեղմ էր դեպի շրջապատը։ Բայց դա երկար չտևեց։ Հենց որ Կոլհաունը զգաց, որ վտանգն անցել է, նրա մեջ նորից արթնացավ իր բնավորության ան-սանձ վայրագությունը, որն ավելի էր ուժեղանում իր կրած խայտառակ պարտության դառն գիտակցությամբ։

Ամբողջ կյանքում նա սիրում էր պճնամոլել իր լկտիությամբ և իր շուրջը հավաքված ամեն մի բազմության ղեկավար լինել։ Եվ այն գիտակցությունը, որ հիմա Տեխասում այլևս ոչ ոք չի հավատա իր քաջությանը, անասելի տանջանք էր պատճառում նրան։

Պարտություն կրածի դերում լինել բոլոր տիկինների առաջ և գլխավորը նրա առաջ, ում ինքը պաշտում է, գիտակցել, որ իր պարտության պատճառը արկածախնդրի մեկն է, որին նա իր սիրո ախոյանն էր համարում, այս արդեն ուժից վեր բան էր։ Նույնիսկ սովորական մարդու համար ծանր կլիներ այսպիսի հոգեվիճակը, իսկ Կոլհաունը բոլորովին գլուխը կորցրել էր, Նա ամենևին մտադիր չէր հաշտվել դրա հետ, ինչպես կաներ սովորական մարդը։ Նա որոշեց վրեժ լուծել։ Դրա համար էլ հենց որ իր կյանքին սպառնացող վտանգն անցավ, սկսեց համառորեն մտածել վրեժի մասին։

Մորիս մուստանգերը պետք է մեռնի։ Եվ եթե ոչ իր՝ Կասսի Կոլհաունի ձեռքով, ապա որևէ մեկ ուրիշի ձեռքով։ Գործակից գտնելն այնքան էլ դժվար բան չէր։ Տեխասի լայնարձակ տափաստաններում վարձու մարդասպաններ ավելի քիչ չեն գտնվում, քան իտալական քաղաքներում։ Ավա՜ղ, երկրագնդի վրա չկա մի անկյուն, որտեղ ոսկին ուղղություն չտար մարդասպանի դաշույնին։ Իսկ Կոլհաունը բավականաչափ ոսկի ուներ, և նրա համար դժվար չէր մի մարդասպանի կաշառել։

Իր սենյակի մենության մեջ վերքերից բուժվելով Կոլհաունը մուստանգերին սպանելու ծրագիր էր որոնում։

Նա մտադիր չէր անձամբ ինքն անել այդ բանը, որովհետև վախենում էր նորից հանդիպել այդպիսի մի ահեղ հակառակորդի, եթե նույնիսկ հաջողվեր անակնկալի բերել նրան։ Պարտությունը նրան վախկոտ էր դարձրել, և նա ուզում էր գտնել կամակատար մի ձեռք, որն իր փոխարեն հարված կհասցներ։ Բայց որտե՞ղ գտնել։

Դժբախտաբար նա ճանաչում էր, կամ գուցե միայն թվում էր նրան, թե ճանաչում է համապատասխան մի մարդու։ Դա մի մեքսիկացի էր, որ այդ ժամանակ գտնվում էր ավանում․ նույնպիսի մի մուստանգեր, ինչպես Մորիսը, բայց մեկը նրանցից, որոնցից երիտասարդ իռլանդացին խորշում էր։

Սովորաբար այդ յուրահատուկ զբաղմունքի մարդիկ Տեխասում լավ համբավ չունեին։ Մուստանգերի արհեստով զբաղվում էին մեքսիկացիները կամ խառնածինները։ Բայց քիչ չէր պատահում, որ այդ գործով հրապուրվում էր ֆրանսիացին կամ ամերիկացին։ Սովորաբար դրանք լինում էին քաղաքակիրթ հասարակության տականքները, երբեմն ոճրագործներ, որոնք գուցե և վտանգավոր որսի փոթորիկների մեջ ուզում էին խեղդել խղճի խայթը։

Երբ մուստանգերները երևում էին ավաններում, խաղաղ բնակիչներին ձանձրացնում էին իրենց մշտական կռիվներով ու տուրուդմփոցով։ Իսկ նրանց հետ ամայի պրերիայում հանդիպելը հաճախ կյանքի համար վտանգավոր էր լինում։ Տեխասի պատմության մեջ հաճախ հիշվում են դեպքեր, երբ մուստանգերների խումբն ավազակախումբ էր դառնում։ Հնդկացու շոր հագնելով և գրիմ անելով նրանք հաճախ կողոպտում էին ճանապարհորդներին։

Կասսի Կոլհաունը հիշեց դրանցից մեկին։ Նա հիշեց, որ այդ մարդուն հաճախ հանդիպել է պանդոկում, տեսել է նրան մենամարտի գիշերը։ Այդ մուստանգերը մեկն էր այն մարդկանցից, որոնք մենամարտից հետո իրեն պատգարակով տուն տարան։ Մտաբերեց նաև, թե այդ մեքսիկացին ինչպիսի չարությամբ էր խոսում Մորիս Ջերալդի մասին։

Հետո Կոլհաունն իմացավ, որ մեքսիկացին ատում է Մորիսին համարյա նույնքան, որքան ինքը։

Եվ նա որոշեց կանգ առնել այդ մարդու վրա։ Մեքսիկացուն իր մոտ կանչեց, և դրանից հետո հաճախ իր սենյակում փակված՝ զրույց էր ունենում նրա հետ։

Շրջապատի մեջ դա ոչ մի կասկած չէր առաջացնում։ Ասենք՝ Կոլհաունը դրա մասին չէր էլ անհանգստանում։ Նրա այցելուն ձիեր ու եղջերավոր անասուններ վաճառող էր։ Այդ հողի վրա նրանք կարող էին իրար հետ գործ ունենալ։ Դա միանգամայն բնական բացատրություն էր։ Նույնիսկ ինքը՝ մեքսիկացի մուստանգերն սկզբում հենց այդպես էլ մտածում էր, որովհետև առաջին հանդիպումների ժամանակ նրանց խոսակցությունը համարյա բացառապես գործարար բնույթ էր կրում։ Խորամանկ հարավցին իր մտադրությունը միանգամից չէր հայտնում քիչ ծանոթ մարդուն։ Եվ միայն մեքսիկացու համար շատ շահավետ մի գործարքից հետո, որը նաև առանց լավ կոնծելու չանցավ, Կոլհաունը սկսեց զգուշությամբ շոշափել մեքսիկացու վերաբերմունքը Մորիս մուստանգերի նկատմամբ։

Զրույցը պաշտոնաթող կապիտանին համոզեց, որ ինքը լիովին կարող է հույս դնել այդ մարդու վրա, որ նա ամեն տեսակ ծառայություն ցույց կտա իրեն և մինչև իսկ սպանություն կկատարի։

Մեքսիկացին չէր թաքցնում, որ ինքն ատում է երիտասարդ մուստանգերին։ Եվ թեպետ նա իր այդ ատելության պատճառի մասին որոշակի ոչինչ չասաց, բայց Կասսի Կոլհաունը որոշ ակնարկներից հասկացավ, որ իրենց ատելության պատճառը նույնն է, այն, ինչ դեռ հին ժամանակներից, դեռ Տրոյայի ժամանակներից[45] գժտություն է գցում տղամարդկանց միջև, այսինքն՝ կինը։

Տվյալ դեպքում չքնաղ Հեղինեն Ռիո Գրանդեի ափերին ապրող մի սևաչյա սինյորիտա էր, որին երբեմն այցելում էր Մորիսը։ Եվ այդ աղջիկը սկսել էր իռլանդացի մուստանգերի ընկերությունը գերադասել իր հայրենակից մուստանգերի ընկերությունից։ Մեքսիկացին աղջկա անունը չտվեց, իսկ Կոլհաունը չէր էլ աշխատում իմանալ, բայց պատմությունը լսելիս մտքում հույս էր ծագում, թե մեքսիկացուն մերժող այդ աղջիկը կարող է նվաճել իր ախոյանի սիրտը։

Մինչ Կոլհաունն ապաքինվում էր, մի քանի անգամ տեսնվեց այդ մարդու հետ, որին ցանկանում էր իր վրիժառության գործիքը դարձնել, և նրանք լիակատար հնարավորություն ունեին ամեն ինչի մասին պայ-մանավորվելու։

Պայմանավորվեցի՞ն արդյոք, թե ոչ և ի՞նչ դիվային մտադրություններ ունեին, այդ հայտնի մնաց միայն իրենց։ Շրջապատի մարդիկ սոսկ այն նկատեցին, որ Կասսի Կոլհաունը և Միգուել Դիազը, որի մականունն էր էլ Կոյոտ[46], միշտ միասին են լինում, և բոլորին զարմացնում էր այդ տարօրինակ մտերմությունը։

Գլուխ XXIV․ Ազոտեայում

Տեխասի ագարակներում պարապ-սարապ մարդիկ չեն լինում։ Օրն այնտեղ սկսվում է արևածագի հետ։ Սևամորթ ստրուկներին աշխատանքի կանչող զանգը, եղջրափողը կամ կոչնակը իրենց փափուկ անկողիններից վեր է կացնում նաև ստրկատերերին։

Այդպես էր Կասա դել Կորվոյում՝ նրա հին տերերի ժամանակ։ Ամերիկացի ագարակատիրոջ ընտանիքն այդ կարգը չփոխեց, և դա ոչ թե սովորությանը հետևելու ցանկությունից, այլ հենց բնության պահանջներով։

Արևոտ Տեխասում, որտեղ համարյա միշտ գարուն է, շատ ափսոս է բուրումնավետ առավոտն անկողնում անցկացնել։ Հանգստանում են կեսօրին, երբ բնության մեջ ամեն ինչ խոնարհվում է արևի կիզիչ ճառագայթների տակ։

Իսկ լուսաբացին բոլորը մի նոր հրճվանքով են դիմավորում ծագող լուսատուին։ Արևադարձային թռչունները բացում են իրենց երփներանգ թևերը, ծաղիկները՝ ցողաթաթախ պսակաթերթերը՝ ասես սպասելով արեգակի առաջին ճառագայթների ջերմ համբույրին։ Ամեն կենդանի արարած նորից փառաբանում է արևին։

Տեխասի անտառներում ճախրող թռչունների պես չքնաղ և նրա հովիտներում բացվող ծաղիկների պես քնքուշ էր այն աղջիկը, որ երևաց Կասա դել Կորվոյի տան կտուրին։

Իր մահճից վեր ելնող Ավրորան[47] անգամ հազիվ թե ավելի քնքուշ լիներ, քան դեռատի կրեոլուհին, երբ նա նայում էր վարդագույն շղարշին, որի ետևից դանդաղորեն բարձրանում էր արեգակի ոսկյա սկավառակը։

Նա կանգնած էր ազոտեայի արևելյան կողմում, ձեռքը դրել էր քարե ճաղաշարին, որ դեռ թաց էր գիշերային ցողից։ Նրա առաջ, գետի ոլորանում փռված էր այգին, այգու այն կողմը դիմացի ափի դարափուլն էր, իսկ ավելի հեռու փռված էր լայնարձակ պրերիան։

Արդյոք այս սքանչելի տեսարանի՞ն էր նայում նա, որով չհիանալ չէր կարելի։ Ո՛չ։

Նա ծագող արեգակն էլ չէր նկատում, թեև թվում էր, թե կռապաշտի պես աղոթում է նրան։

Արդյոք թռչունների անուշ ե՞րգն էր ունկնդրում նա, որ հնչում էր այգու և անտառի վրա։

Ո՛չ, նա ոչինչ չէր լսում և ոչինչ չէր նկատում։ Նրա հայացքը ցրիվ էր, և մտքերը հեռու էին։

Թվում էր, որ ոչ պայծառ առավոտը, ո՛չ էլ թռչունների երգը չէին ուրախացնում նրան, տրտմության ստվեր էր ընկած նրա չքնաղ դեմքին։

Աղջիկը մենակ էր, ոչ ոք չնկատեց նրա տրտմությունը և չհարցրեց դրա պատճառը։

Բայց ակամա դուրս թռած մի շշուկ մատնեց նրա գաղտնիքը․

― Գուցե նա ծու՞նր է վիրավորված։ Գուցե մահացո՞ւ։

Ո՞ւմ մասին էր խոսում նա այդպես հուզմունքով։

Արդյոք ա՞յն մարդու, որ պառկած էր բոլորովին մոտիկ, ցածում, հասիենդայի սենյակներից մեկում․ իր հորաքրոջ որդի Կոլհաունի՞ մասին։

Հազի՜վ թե։ Դեռ երեկ բժիշկն ասաց, որ հիվանդն առողջանալու վրա է, որ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Եվ եթե որևէ մեկն ականջ դներ նրա մենախոսությանը, որ շարունակում էր նույն տխուր ձայնով, ապա կհամոզվեր, որ նա խոսում է մի ուրիշի մասին։

― Ես նույնիսկ չեմ կարող մարդ ուղարկել նրա մոտ։ Ոչ ոքի չեմ վստահում։ Որտե՞ղ է հիմա նա։ Երևի օգնության, կարեկցության կարիք ունի․․․ Եթե գոնե կարողանայի մի լուր ուղարկել նրան, այնպես, որ ոչ ոք չիմանար․․․ Եվ ո՞ւր է կորել այդ Զեբ Ստումպը։

Չգիտես ինչու աղջկան թվում էր, որ ամեն րոպե Զեբ Ստումպը կարող է երևալ, և սկսեց նայել տափաստանին, գետի այն կողմին, որտեղ ափի երկարությամբ ձգված էր ճանապարհը։ Դա մի բանուկ ճանապարհ էր, Ինջ ամրոցի և ստորին Լեոնայի ափերին գտնվող ագարակների միջև։ Այն կտրում էր պրերիան գետից բավական հեռու և նրան մոտենում էր միայն մեկ տեղ, որտեղ հունը ոլորան էր կազմում՝ խրվելով զառիթափ ափի մեջ։ Ամրոցի ուղղությամբ ճանապարհը երևում էր կես մղոնի չափ, նրան հատում էր մի կածան, որը ծանծաղուտով անցնելով բերում էր դեպի հասիենդա։ Գետի հոսանքով դեպի ցած, մոտավորապես նույն հեռավորության վրա տափաստանը փոխվում էր մացառուտի, որի ետևն արդեն ոչինչ չէր երևում։

Դեռատի կրեոլուհին նայում էր Ինջ ամրոցի կողմը, որտեղից կարող էր գալ Զեբ Ստումպը, բայց ոչ նա էր երևում, ոչ էլ որևէ մեկ ուրիշը։

Սա չպետք է վշտացներ աղջկան․ չէ՞ որ Ստումպը չէր խոստացել, թե կգա։ Նա այդ կողմն էր նայում միայն բնազդաբար։

Բայց բնազդից ավելի ուժեղ ինչ-որ բան քիչ հետո նրան ստիպեց շուռ գալ և հայացքը հառել հակառակ ուղղությամբ։

Եթե նա հույս ուներ, թե այնտեղ որևէ մեկին կտեսնի, ապա այս անգամ հուսախաբ չեղավ, մացառուտի միջից դուրս եկավ մի ձիավոր։ Սկզբում կրեոլուհուն թվաց, թե դա տղամարդ է արաբական հագուստ հիշեցնող շորով։ Բայց հետո համոզվեց, որ դա կին է, որը ձիուն նստել է տղամարդու պես։ Ձիավորի երեսը համարյա ամբողջովին ծածկված էր թափանցիկ շղարշով։ Բայց և այնպես Լուիզան նկատեց նրա ձվաձև, գեղեցիկ թուխ դեմքը, այտերի վառ կարմիրը և աստղերի պես շողացող աչքերը։

Ոչ ձի նստելու այդ օտարոտի ձևը, ոչ ուսերից ցած կախված շղարշը Լուիզային չխանգարեցին նկատել, որ նա բարեկազմ աղջիկ է։

Անծանոթ կնոջ ետևից, նրանից մի տասնհինգ յարդ հեռավորությամբ, շորի հեծած գալիս էր մի ուրիշ մարդ։ Այդ հարգալից հեռավորությունը պահպանելուց, ինչպես և հագուստից կարելի էր կռահել, որ դա ձիավոր կնոջ ծառան է։

«Ո՞վ կարող է լինել այս կինը,― շշնջաց Լուիզա Պոյնդեքստերը և արագ շարժումով լոռնետը մոտեցրեց աչքերին, որպեսզի ավելի լավ տեսնի տարօրինակ ձիավորին։― Ո՞վ կլինի սա,― կրկնեց կրեոլուհին իր հարցն ավելի հանգիստ տոնով և շարունակեց ձիավորին դիտել անզեն աչքով։― Մեքսիկացի է, իհարկե, իսկ ջորիավորը նրա ծառան է․․․ Երևի որևէ նշանավոր սինյորուհի է։ Ես կարծում էի, թե նրանք բոլորն անցել են Մեքսիկա․․․ Նրա ուղեկցի ձեռքին մի զամբյուղ կա․․․ Հետաքրքիր է, ինչ կա նրա մեջ։ Եվ ինչո՞ւ են սրանք ամրոց կամ ավան գալիս։ Այս շաբաթ արդեն երրորդ անգամն եմ տեսնում, որ նա անցնում է մեր տան մոտով։ Երևի ներքևում գտնվող ագարակներից մեկումն է ապրում։ Ձի նստելու ի՞նչ տարօրինակ ձև է դա։ Ես լսել եմ, որ մեքսիկուհիների մեջ դա ընդունված ձև է։ Իսկ եթե ես էլ այդպես ձի նստե՞մ։ Հավանաբար դա ավելի հարմար ձև է։ Բայց Նահանգներում այդպես ձի նստելը կհամարեին ո՛չ կանացի ձև։ Երևակայում եմ, թե ինչպես կվրդովվեին մեր պուրիտան մայրիկները։ Հա՛-հա՛-հա՛։ Պատկերացնում եմ նրանց սոսկումը»։

Բայց նրա ծիծաղն իսկույն ընդհատվեց։ Կրեոլուհու դեմքի արտահայտությունը վայրկենապես փոխվեց, ասես թափառուն մի ամպ ծածկեց արեգակի երեսը։ Բայց դա այն թախիծը չէր, որ քիչ առաջ մռայլել էր աղջկա դեմքը, թեև, նայելով նրա հանկարծակի գունատված այտերին, կարելի էր ասել, որ նրան ավելի պակաս լուրջ զգացմունք չի համակել։

Այդ փոփոխության պատճառը կարելի էր կապել միայն գետի այն կողմը գտնվող շղարշով ծածկված ձիավորի շարժումների հետ։ Թփուտների միջից ճանապարհի վրա նետվեց եղանաձև եղջյուրներով մի քարայծ։ Ձիու ետևից դուրս ցատկելով, նա դեռ առաջին ոստյունը չէր արել, երբ ձին քառատրոփ սլացավ վախեցած կենդանու ետևից։ Ձիավոր աղջիկը երեսի քողը պոկելով՝ աջ ձեռքով օդում մի քանի շրջանաձև շարժում արեց։

― Այս ի՞նչ է անում,― շշնջաց Լուիզան։― Հա՛, հասկացա, լասսո է նետում։

Մեքսիկուհին չհապաղեց ցույց տալ, թե որքան լավ է տիրապետում այդ ազգային զենքին։ Նա ճարպկորեն լասսոն գցեց քարայծի պարանոցը, օղակը ձգեց, և կենդանին շշմած վայր ընկավ։

Ծառան արագ մոտեցավ, իր ջորուց ցած թռավ և դանակի մի հարվածով քարայծը մորթեց։ Հետո սպանված քարայծը ջորու վրա գցելով ինքն էլ ցատկեց թամբի վրա և նորից մոտեցավ աղջկան։ Իսկ սինյորուհին, որ արդեն լասսոն փաթաթել էր, քողը նորից երեսին գցելով շարունակեց ճանապարհը, որպես թե ոչինչ էլ չէր եղել։

Այն րոպեին, երբ լասսոյի օղակը օդ նետվեց, կրեոլուհու դեմքով մի ստվեր անցավ։ Եվ այդ ստվերը զարմանքի արտահայտություն չէր, ո՛չ, դա առաջացրել էր բոլորովին մի այլ զգացմունք, շատ ավելի անհաճո մի միտք։

Եվ թեև լոռնետ բռնած ձեռքը ծածկում էր Լուիզայի դեմքը, այնուամենայնիվ, կարելի էր նկատել, որ նա տխուր էր, քանի դեռ ձիավորները չէին հեռացել և նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք անցան ակացիաների ետևը։

«Մի՞թե սա նա է։ Իմ տարիքին է, ասաց, հասակը՝ ինձնից մի քիչ ցածր։ Այս ամենը լիովին համապատասխանում է, որքան որ ես կարող եմ դատել այսքան հեռվից։ Ապրում է Ռիո Գրանդեի ափին, երբեմն-երբեմն հյուր է գալիս Լեոնայի ափը իր ազգականների մոտ։ Բայց ո՞վ է նա։ Եվ ինչո՞ւ ես Մորիսին չհարցրի նրա անունը։ Մի՞թե, մի՞թե սա նա է»։

Գլուխ XXV․ Չհանձնված ընծան

Երբ լասսոյավոր սինյորան ու նրա ծառան տեսադաշտից անհետացան, Լուիզան էլի մի քանի րոպե շարունակեց կանգնած մնալ խոհերով տարված։ Նրա ընկճված դիրքը և դեմքի արտահայտությունը ցույց էին տալիս, որ աղջիկը ուրախ մտքերով չի տարված։

Ո՛չ, ընդհակառակն։ Մինչ այդ մեկ-երկու անգամ նրա երևակայության մեջ պատկերացել էր այն հմուտ ձիավոր աղջկա կերպարանքը և շատ անգամ նա մտածել էր, թե դեռատի մեքսիկուհին ինչու է գալիս այս կողմերը։ Քարայծի հետ տեղի ունեցած դեպքից հետո նրա մտքերը փոխվեցին կասկածի։

Լուիզան թեթևացած շունչ քաշեց, երբ հենց այնտեղ, ուր ծածկվել էին երկու հեծյալները, մացառուտի միջից երևաց ևս մի ձիավոր։ Աղջիկն ավելի շատ ուրախացավ, երբ տեսավ, որ հեծյալը շուռ եկավ դեպի հասիենդա բերող կածանը։ Լոռնետը աչքերին դնելով՝ կրեոլուհին ճանաչեց Զեբ Ստումպին։ Նրա դեմքը պայծառացավ և համարյա ուրախություն արտահայտեց, Աղջիկը լավ նախանշան համարեց, որ կասկածների այդ տխուր րոպեին երևաց անտառների այդ ազնիվ բնակիչը։

― Իսկ և իսկ նա է, ում ես սպասում էի,― ուրախ գոչեց աղջիկը։― Հնարավոր է, որ նրա միջոցով ես կկարողանամ մի լուր ուղարկել, և գուցե նա ինձ կասի, թե ով էր այն սինյորան։ Երևի ճանապարհին հանդիպած կլինեն։ Դա ինձ հնարավորություն կտա առանց կասկած հարուցելու խոսակցություն սկսել այդ հարցի շուրջը։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ես պետք է զգույշ լինեմ նույնիսկ սրա հետ։ Օ՜, եթե ես հավատացած լինեմ, որ դուր եմ գալիս նրան, ամենևին չէի անհանգստանա։ Ի՜նչ սարսափելի է նրա անտարբերությունը։ Եվ այն էլ իմ՝ Լուիզա Պոյն-դեքստերի նկատմամբ։ Ո՛չ, այլևս այսպես շարունակվել չի կարող։ Ես պետք է ազատվեմ այս լծից, թեկուզև սիրտս փշրելու գնով։

Հազիվ թե հարկ լինի բացատրելու, որ այն մարդը, որի քնքուշ բարեկամությունն այնպես երազում էր Լուիզան, ոչ այլ ոք էր, քան Զեփ Ստումպը։

Այդ ժամանակ որսորդն արդեն բոլորովին մոտեցավ հասիենդային և ձին կանգնեցրեց։

― Թանկագի՜ն միստր Ստումպ,― որսորդին ուրախ ողջունեց մի ձայն, որ ծերունի որսորդն այնքան սիրում էր լսել։― Որքա՜ն ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ։ Իջեք ձիուց և եկեք այստեղ, ինձ մոտ։ Ես գիտեմ, որ ամեն մի վերելք ձեզ համար ոչինչ բան է, և դուք չեք վախենա այս քարե սանդուղքից։ Այստեղից դուք այնպիսի հիանալի տեսարան կդիտեք, որ ձեր գալը չեք ափսոսա։

― Ձեզ տեսնելը, միսս Լուիզա, իմ ամենալավ վարձատրությունը կլինի․ դրա համար ես համաձայն եմ բարձրանալ ոչ միայն այս տան կտուրը, այլև շոգենավի ծխնելույզի վրա․․․ Մի րոպե միայն, ես իմ պառավ ձին տեղավորեմ ախոռում և հետո բարձրանամ վերև։ Դա մի ակնթարթի գործ է։

Ցած ցատկելով իր ձիուց՝ Զեբ Ստումպը նրան դիմեց այսպիսի խոսքերով․

― Մի՛ վհատվիր, իմ քավթառ ձի։ Գլուխդ բարձր պահիր, երևի Պլուտոնը քեզ եգիպտացորենով կհյուրասիրի։

― Էհե՜յ, մասսա Ստումպ,― հնչեց խափշիկ կառապանի ձայնը, որ հենց այդ րոպեին երևաց բակում։― Նեգրը հենց այդպես էլ կանի, ուզածի չափ դեղին եգիպտացորեն կտա դրան։ Էհե՜յ, իսկ դուք գնացեք դեռատի օրիորդի մոտ։ Պլուտոնը կխնամի ձեր ձիուն։

― Գրողը տանի, ի՜նչ խափշիկ ես դու։ Հաջորդ անգամ, Պլուտոն, երբ ես այս կողմերը գամ, այնպիսի մի պարկամուկ կընծայեմ քեզ, որ երկու տարեկան հավի քնքուշ միս ունենա։ Ա՛յ թե ինչ եմ խոստանում քեզ։

Այս ասելով Զեբ Ստումպը արագ բարձրացավ քարե սանդուղքով երկու-երեք աստիճանը միանգամից ցատկելով։ Նա արագ բարձրացավ ազոտեա, որտեղ դեռատի տանտիրուհին նորից ուրախ ողջունեց նրան։

Ծերունի որսորդն իսկույն նկատեց, թե որքան էր հուզված աղջիկը, երբ իրեն տարավ ազոտեայի հեռավոր անկյունը, և հասկացավ, որ ինքն այստեղ է հրավիրվել ոչ միայն գեղեցիկ տեսարանով զմայլվելու համար։

― Ասացեք ինձ, միստր Ստումպ,― խոսեց Լուիզան՝ ձեռքը դնելով նրա թևքին և հարցական նայելով որսորդի մոխրագույն աչքերին,― դուք երևի ամեն ինչ գիտեք։ Ինչպե՞ս է նրա առողջությունը։ Վերքը վտանգավո՞ր է։

― Եթե դուք հարցնում եք միստր Կոլհաունի մասին․․․

― Ո՛չ, ո՛չ, նրա մասին ես ամեն ինչ գիտեմ։ Ես նրա մասին չեմ խոսում։

― Բայց, միսս Լուիզա, ես գիտեմ էլի մի մարդ այս կողմերում, որ վիրավորվել է․ դա Մորիս մուստանգերն է։ Դուք նրա՞ մասին եք հարցնում։

― Այո, այո, հենց նրա։ Հասկանո՞ւմ եք․ չնայած նա իմ հորաքրոջ տղայի հետ է կռվել, բայց ես չեմ կարող անտարբեր լինել դեպի այդ մարդը։ Դուք հո գիտեք, որ Մորիս Ջերալդը երկու անգամ փրկել է իմ կյանքը։ Ասացեք, վտանգավո՞ր է վիրավորված։

Այս խոսքերն ասվեցին այնպիսի հուզմունքով, որ կատակն անտեղի կլիներ։ Եվ Զեբն շտապեց պատասխանել․

― Ոչ մի վտանգ չկա։ Մի գնդակ ծակել է նրա ոտքը կոճից վերև, դա չանգռվածքից ավելի վտանգավոր չէ։ Երկրորդ գնդակը դիպել է ձախ ձեռքին։ Այդ էլ մի լուրջ բան չէ։ Միայն թե արյուն շատ է կորցրել։ Բայց նա իրեն լավ է զգում և մի քանի օրից հետո արդեն կարող է անկողնից վեր կենալ։ Տղան ասում է, որ եթե ինքը ձին նստած պրերիայում շրջեր, այդ ավելի շուտ կբուժեր իրեն, քան Տեխասում բոլոր բժիշկները։ Ես էլ այդպես եմ կարծում։ Բայց նրան բուժում է ամրոցի վիրաբույժը, որն առայժմ թույլ չի տալիս վեր կենալ։

― Իսկ որտե՞ղ է պառկած հիմա։

― Հյուրանոցում։ Հենց այնտեղ, որտեղ կռիվն է տեղի ունեցել։

― Այնտեղ, երևի, լավ չեն խնամում նրան։ Ես լսել եմ, որ այդ հյուրանոցը բանի պետք չէ։ Նրան, երևի, այնպես չեն կերակրում, ինչպես հարկա-վոր է կերակրել հիվանդին․․․ Մի րոպե սպասեցեք, միստր Ստումպ, ես հիմա կվերադառնամ։ Ուզում եմ մի բան ուղարկել նրան։ Ես գիտեմ, որ դուք այդ չեք մերժի ինձ, այնպես չէ՞։ Ես համոզված եմ դրանում։

Առանց պատասխանի սպասելու Լուիզան ուղղվեց դեպի սանդուղ-քը և արագ ցած իջավ։ Շուտով նա վերադարձավ՝ ձեռքին մի մեծ զամ-բյուղ, որ լիքն էր անուշեղենով ու խմիչքով։

― Սիրելի միստր Ստումպ,― ասաց նա,― այս զամբյուղը կտաք միստր Ջերալդին, չէ՞։ Ֆլորինդան այստեղ բան-ման է գրել, մի քանի շիշ զովացուցիչ խմիչք, մի քիչ մուրաբա և էլի ուրիշ բաներ։ Հիվանդ մարդու սիրտը լավ բաներ է ուզում, իսկ հյուրանոցում հազիվ թե կարելի լինի համով բան գտնել։ Միայն թե նրան չասեք ով է ուղարկել և ուրիշ ոչ ոքի էլ չասեք։ Լա՞վ։ Ես գիտեմ, որ չեք ասի, իմ բարեսիրտ հսկա։

― Դուք կարող եք հույս գնել ծերունի Զեբ Ստումպի վրա, միսս Լուիզա։ Ոչ մի շունչ-կենդանի չի իմանա, թե ով է ուղարկել այս անուշեղենը, միայն թե, հավատացեք, տղան ամեն ինչ առատ-առատ ունի։ Նրա համար այնքան շատ բան են բերում, որ կարող է անուշակերների մի ամբողջ ամբոխ կերակրեր

― Ա՜, նրա համար բերո՞ւմ են արդեն։ Իսկ ո՞վ է բերում։

― Այդ արդեն Զեբ Ստումպը չի կարող ասել, որովհետև ինքն էլ չգիտե։ Ես լսել եմ միայն, որ ուտելեղենի զամբյուղները բերել է մի մեքսիկացի, ինչ-որ մեկի ծառան, բայց թե ո՞վ է ուղարկում, չգիտեմ։ Ես ինքս էլ տեսել եմ մեքսիկացուն։ Հենց մի քանի րոպե առաջ ես նրան հանդիպեցի ձեր հասիենդայից ոչ հեռու։ Նա ուղեկցում էր մի ջահել աղջկա, որը ձին նստել էր տղամարդավարի, մեքսիկուհիներից շատերն այդպես են ձի նստում։ Ես կարծում եմ նա այդ աղջկա ծառան է, որովհետև ետևից էր դնում։ Նա ձեռքին մի զամբյուղ ուներ, որը ճիշտ և ճիշտ նման էր այն զամբյուղին, որ վերջերս ստացել էր միստր Մորիսը։ Երևի նա էլի ինչ-որ բան է տանում հիվանդին։

Այլևս հարցուփորձի կարիք չկար։ Այդ մի քանի խոսքը շատ բան էին բացատրում, և ամեն ինչ տանջալի պարզ էր․ Լուիզա Պոյնդեքստերը ախոյան ուներ։ Լասսոյավոր մեքսիկուհին երևի մուստանգերի սիրած աղջիկն է, գուցե և հարսնացուն։

Եվ պատահականություն չէր, թեև Զեբ Ստումպը կարող էր այդպես կարծել, որ կրեոլուհու ձեռքին բռնած զամբյուղը, որ նա գրել էր ճաղաշարին, դուրս պրծավ ու ընկավ ցած, բակի քարե սալերի վրա։ Շշերը փշուր-փշուր եղան, իսկ նրանց պարունակությունը հոսեց պատի երկարությամբ։

Թեև զամբյուղը ցած գցող ձեռքի շարժումը կարող էր պատահական թվալ, սակայն դա ճշտորեն հաշված բան էր։ Ճաղաշարի վրայով կռանալով՝ Լուիզան ցած նայեց և զգաց, որ իր սիրտն էլ փշրված է, ինչպես քարերի վրա փայլփլող այն ապակու կտորտանքը։

― Ա՛խ, ափսո՜ս,― ասաց աղջիկը, աշխատելով ցույց չտալ իր հուզմունքը։― Ամեն ինչ կորավ։ Ի՞նչ կասի հիմա Ֆլորինդան։ Բայց ոչինչ, միստր Ջերալդը, ինչպես դուք ասացիք, այնպիսի ուշադրությամբ է շրջապատված, որ հազիվ թե իմ ընծան նրան պետք լինի։ Որքա՜ն ուրախ եմ, որ նրան, չեն մոռանում։ Չէ՞ որ ես շատ եմ պարտական նրան։ Ես ուրախ եմ, որ նրան չեմ մոռանում․ չէ՞ որ նա ինձ համար շատ բան է արել։ Միայն թե, միստր Ստումպ, խնդրում եմ, ոչ ոքի՝ ո՛չ մի խոսք։ Չասեք նույնպես, որ ես հարցրել եմ նրա մասին։ Չէ՞ որ նա մենամարտել է իմ հորաքրոջ տղայի հետ, և դա կարող է ավելորդ խոսակցության առիթ տալ։ Խոստանում եք, չէ՞, սիրելի Զեբ։

Պատրաստ եմ թեկուզ երդվելու։ Ոչ մեկին՝ ո՛չ մի խոսք, միսս Լուիզա։ Կարող եք միանգամայն վստահել ծերունի Զեբին։

― Ես այդ գիտեմ։ Դե գնանք այստեղից։ Արևն արդեն սկսում է դաղել։ Եկեք ցած իջնենք և տեսնենք՝ ձեր սիրած վիսկիից մի քիչ չի՞ գտնվի այնտեղ։ Գնա՞նք։

Եվ դեռատի կրեոլուհին շինծու ուրախ տրամադրությամբ նորօռլեանյան վալս երգելով ուղղվեց դեպի սանդուղքը։ Ծերունի որսորդը սիրով ընդունեց այդ հրավերը և հետևեց Լուիզային։ Թեև նա վաղուց արդեն վարժվել էր ստոիկյան անտարբերությամբ վերաբերվել կանացի հմայք-ներին, և նրա մտքերն այդ րոպեին կենտրոնացած էին գլխավորապես խոստացված խմիչքի վրա, այնուամենայնիվ նրան հիացնում էին աղջկա գեղեցիկ ուսերը, որոնք ասես փղոսկրից լինեին հղկված։

Բայց դա երկար չտևեց, հենց որ ցած իջան, Լուիզան բաժանվեց նրանից։ Քանի որ Զեբն ակամա հայտնել էր մուստանգերի գաղտնիքը, դրանից հետո արդեն ծերունի որսորդի ընկերակցությունը չէր հետաքրքրում նրան։ Նա ծերունուն թողեց, որ իր վիսկիով զբաղվի, իսկ ինքը գնաց իր սենյակը, որպեսզի բոլորից թաքցնի իր վիշտը։

Կյանքում առաջին անգամ Լուիզա Պոյնդեքստերը խանդի տանջանք էր ապրում։ Դա նրա առաջին իսկական սերն էր։ Նա սիրահարված էր Մորիս Ջերալդին։

«Մեքսիկացի սինյորուհու ուշադրությունը հազիվ թե կարելի է բացատրել հասարակ բարեկամությամբ։ Հավանորեն նրանց ավելի սերտ հարաբերություններ են կապում իրար հետ»,― այդպես էր խորհում վշտահար կրեոլուհին։

Դատելով այն ամենից, ինչ Մորիսն ասել էր նրան և ինչ նա իր սեփական աչքերով տեսավ, լասսո կրող սինյորան հենց այն կինն էր, որը պետք է նվաճեր այդպիսի մարդու սերը։

Նրա իրանը, որ Լուիզան տեսել էր լոռնետով, անբասիր էր թվում։ Նրա դեմքը լավ տեսնել չէր հաջողվել։ Արդյոք ա՞յն էլ չքնաղ էր։ Արդյոք այնպիսի՞ն էր այդ դեմքը, որ կարողանար հմայել Մորիս Ջերալդի նման մի մարդու, որն այնքան լավ էր կարողանում տիրապետել իր կրքերին։

Լուիզան հանգիստ չուներ, նա վառվում էր մեքսիկուհուն նորից տեսնելու և նրա դեմքը դիտելու անհամբերությունից։ Եվ հենց որ Զեբ Ստումպը գնաց, նա կարգադրեց թամբել խատուտիկ մուստանգը, ծանծաղուտով անցավ գետակը և բարձրացավ դիմացի ափը։

Ուղղվելով դեպի ամրոց, նա, ինչպես և ենթադրում էր, հանդիպեց մեքսիկացի սինյորին, որը ետ էր գնում․ բայց ո՛չ, ճիշտ որ ասենք, ոչ թե սինյորին, այլ սինյորուհուն, իր տարիքի մի աղջկա։

Այնտեղ, որտեղ նրանք հանդիպեցին, ճանապարհը ծառերի ստվերի մեջ էր, և մեքսիկացի աղջիկն իր ձին նստել էր գլուխը բաց, քողն անփութորեն գցած ուսերին։ Ագռավի թևի պես սև ու փարթամ մազերը շրջանակում էին նրա սքանչելի թուխ դեմքը։

Երկու, աղջիկներն էլ քաղաքավարության կանոններին հետևելով․ հանդիպման պահին միայն թռուցիկ հայացքներ փոխանակեցին։ Բայց փոքր-ինչ իրարից հեռանալուց հետո թե՛ մեկը, թե՛ մյուսը չկարողացան զսպել գաղտնաբար իրար նայելու իրենց ցանկությունը, և երկուսն էլ շուռ եկան։

Ըստ երևույթին նրանց մտքերն այնքան էլ տարբեր չէին։ Ոչ միայն Լուիզան էր լսել մեքսիկուհու մասին, այլև մեքսիկուհին գիտեր Լուիզայի գոյությունը։

Մենք այստեղ չենք սկսի պատմել, թե ինչ էր մտածում սինյորուհին այս հանդիպումից հետո։ Բավական է ասել, որ կրեոլուհու մտքերն ավելի մռայլ էին, քան զբոսանքից առաջ, և երբ նա վերադառնում էր Կասա դել Կորվո, նրա դիրքը խոր հուսահատություն էր ցույց տալիս։ «Որքա՜ն լավիկն է,― մտածեց նա, երբ անցնում էր այն աղջկա մոտով, որին իր ախոյանն էր համարում։― Այո՛, շատ է լավը, ուրեմն և հազիվ թե սոսկ բարեկամը լինի»։

Լուիզան ինքն իրեն խոսելիս աշխատում էր անաչառ լինել, այլ կերպ նա ավելի զուսպ կլիներ մեքսիկացի աղջկան գովաբանելիս։

«Կարելի՞ է կասկածել, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են նրանք,― շարունակում էր մտածել Լուիզան։― Նա սիրում է այդ աղջկան։ Դրանով էլ բացատրվում է նրա անտարբերությունն իմ նկատմամբ։ Իսկ ես, անխելքս, ուզում էի իմ երջանկությունը գտնել այդ ճակատագրական զգացմունքի մեջ։ Հարկավոր է մոռանալ նրան, սրտից դեն նետել սիրո կապանքները․․․ Մոռանա՜լ։ Հեշտ է ասել։ Բայց կարո՞ղ եմ արդյոք մոռանալ։ Ես այլևս չպետք է հանդիպեմ նրան։ Համենայնդեպս այս կարող եմ անել։ Այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, նա այլևս մեր տանը չի երևա։ Մեր հանդիպումները միայն պատահաբար կարող են լինել, իսկ ես ամեն կերպ կխուսափեմ։ Օ՛, Մորիս Ջերալդ, դու, որ վայրի նժույգներ ես հնազանդեցնում, հնազանդեցրել ես մի սիրտ, որը երկար ու երկար պիտի տառապի և գուցե թե երբեք էլ չի մոռանա այս դասը»։

Գլուխ XXVI․ Նորից ազոտեայում

Ջերմորեն սիրած մարդուն մոռանալը հեշտ բան չէ։ Ժամանակը, իհարկե, լավ սպեղանի է այն սրտի համար, որը պատասխան չի ստացել իր սիրույն, իսկ անջատումն ավելի լավ է օգնում։ Բայց ո՛չ ժամանակը, ոչ անջատումը չեն կարող բթացնել սիրած մարդուն կորցնելու թախիծը կամ հանգստացնել այն սիրտը, որ երջանիկ սեր չի տեսել։

Լուիզա Պոյնդեքստերի համար հեշտ բան չէր պայքարել իրեն համակած զգացմունքի դեմ։ Թեև այդ զգացմունքը նոր էր բռնկել, բայց բոցավառվել էր շատ արագ և անցել բոլոր սահմանները։ Այդ զգացմունքն այնքան էր ուժեղացել, որ աղջկան այլևս չէին խանգարում այնպիսի արգելքները, ինչպիսիք էին հոր դժգոհությունը կամ իրենց հասարակական դիրքի անհավասարությունը։ Եվ եթե նա փոխադարձ սիրո հանդիպեր, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չէին խանգարի նրան։ Նա արդեն չափահաս էր դարձել, և հոր համաձայնությունը պարտադիր չէր նրա համար։ Ինչ վերաբերում է երկրորդ արգելքին, ապա անկեղծորեն սիրող մարդը չի վախենում անտեսել հասարակական նախապաշարմունքները։ Սերն այնպիսի մանրուքներ չի ճանաչում։ Համենայնդեպս Լուիզա Պոյնդեքստերի խոր զգացմունքի մեջ այդպիսի բան չկար։ Դա Լուիզայի կյանքում առաջին հիասթափությունը չէր։ Բայց դա առաջին հիասթափությունն էր, որն սպառնում էր խանգարել նրա հոգեկան հանգիստը։ Եվ Լուիզան այս հասկանում էր։ Նա նախատեսում էր, որ իրեն տառապանքներ են սպասում, բայց հույս ուներ, թե ժամանակը կբուժի այդ վերքը։

Սկզբում նրան թվում էր, թե կամքի ուժով կկարողանա խլացնել սրտի ցավը, թե իրեն կօգնի իր բնածին կենսուրախությունը։ Բայց օրերն անցնում էին, իսկ թեթևություն չէր գալիս։ Նա չէր կարողանում հիշողությունից վանել այն մարդու պատկերը, որն ամբողջովին տիրապետել էր իր երազանքին։

Լինում էին րոպեներ, երբ Լուիզան ատում էր Մորիսին, կամ, ավելի ճիշտ՝ ուզում էր ատել։ Այդ ժամանակ նրան թվում էր, թե ինքը կարող է սպանել նրան կամ, եթե իր աչքի առաջ սպանելիս լինեն, ինքը նրան օգնելու փորձ չի անի։ Բայց դրանք սոսկ վաղանցուկ տրամադրություններ էին, որոնց փոխարինում էին ավելի հանգիստ խոհեր, այն ժամանակ նա գտ-նում էր, որ ինքն է ամեն ինչի մեղավորը, ուրեմն և պետք է համբերի։

Որքան ավելի շատ էր մտածում նա, այնքան ավելի էր գիտակցում, որ եթե նույնիսկ Մորիսն իր կատաղի թշնամին լիներ, ամբողջ մարդկության թշնամին լիներ, եթե նա ինքը՝ սադայելը լիներ, որի հետ մի անգամ համեմատել էր նրան, միևնույն է, ինքը չէր դադարի սիրել նրան։

Արհամարհել և ատել Մորիսին՝ Լուիզան ոչ մի կերպ չէր կարող։ Նա փորձում էր միայն անտարբեր լինել նրա նկատմամբ։ Բայց դա ապարդյուն փորձ էր։

Ամեն օր Լուիզան մի քանի անգամ բարձրանում էր ազոտեա և աչքը գցում ճանապարհին, որտեղ առաջին անգամ տեսել էր իր ախոյանին։ Դեռ ավելին․ չնայած որոշել էր խուսափել իրեն դժբախտացնող այդ մարդու հետ հանդիպելուց, այնուամենայնիվ, ձի էր նստում և քշում ճա-նապարհով, ավանի փողոցներով միայն մեկ մտադրությամբ՝ հանդիպել նրան։

Իր մրցակցուհուն առաջին անգամ հանդիպելուց երեք օր անց Լուիզան նորից նրան տեսավ ազոտեայից։ Մեքսիկուհին, ինչպես և անցյալ անգամ, գնում էր նույն մարդու ուղեկցությամբ։ Այդ մարդու ձեռքին էլի մի զամբյուղ կար։ Նրանց նայելիս Լուիզան դողում էր խանդից, նախանձելով նրան, ով խլել էր իրենից հիվանդին խնամելու իրավունքը։

Հիմա Լուիզան նրա մասին ավելի շատ բան գիտեր, քան առաջ, թեև այժմ իմացածն էլ շատ բան չէր։ Դա դոնյա Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոսն էր, Ռիո Գրանդեի ափին գտնվող մի մեծ հասիենդայի տիրոջ դուստրը և Լեոնայի ափին գտնվող հասիենդայի տիրոջ եղբոր աղջիկը, որի կալվածքը Լեոնա գետի հոսանքն ի վար մոտ մեկ մղոն հեռու էր գտնվում Կասա դել Կորվոյից։

Դեռատի մեքսիկուհին էքսցենտրիկ անձնավորության համբավ ուներ, որը լավ էր տիրապետում լասսոյին, կարող էր զսպել ամեն մի վայրի մուստանգ, բայց միայն՝ ո՛չ իր սեփական քմահաճույքները։

Այս տեղեկությունները չվերացրին Լուիզայի խանդոտ կասկածները, ընդհակառակն, ավելի ամրապնդեցին։

Նրան դուր էին գալիս բնավորության այդպիսի գծերը։ Նա ինքն էլ սի-րում էր անկախություն։ Լուիզային թվում էր, որ այդ պետք է դուր գա և ուրիշներին։ Մորիս Ջերալդը հազիվ թե բացառություն կազմի։

Անցավ էլի մի քանի օր, բայց լասսոյավոր աղջիկն այլևս չերևաց։

«Մորիսի վերքերը բուժվել են, և նա այլևս մշտական ուշադրության կարիք չի զգում»,― այսպես էր մտածում կրեոլուհին ազոտեայում կանգ-նած։ Լոռնետը աչքերին բռնած նա նայում էր հեռուն։

Այդ վաղ առավոտյան էր, արևածագից քիչ հետո, այն ժամին, երբ սովորաբար երևում էր ձիավոր մեքսիկուհին։

Աղջիկը նայում էր այն կողմը, որտեղից առաջ երևում էր իր մրցակցուհին։

Պատահաբար նայելով հակառակ կողմը՝ Լուիզան հանկարծ քար կտրեց, չհավատալով իր աչքերին։ Նա տեսավ Մորիս Ջերալդին, որ ձի նստած գալիս էր ամրոցի կողմից։

Թեև նա թամբին մի քիչ լարված էր նստած և գալիս էր դանդաղ վարգով, բայց անտարակույս նա էր։ Լուիզան տեսավ նրան լոռնետի միջով և իսկույն նկատեց, որ նրա ձախ ձեռքը փաթաթված է։

Նրան ճանաչելուն պես դեռատի կրեոլուհին թաքնվեց ազոտեայի ճաղերի ետևը, և նրա կրծքից մի խուլ ճիչ թռավ։

Ի՞նչն էր այդ տխուր ճիչի պատճառը։ Արդյոք ա՞յն, որ աղջիկը տեսավ երիտասարդի փաթաթված ձեռքը, կամ լոռնետի միջով նկատեց նրա գունատ դեմքը։

Ո՛չ, դա խղճահարության կամ զարմանքի ճիչ չէր։ Դա վշտահար սրտի հառաչանք էր։ Հիվանդի վերքերը բուժվել են։ Նա այլևս գթության քրոջ օգնության կարիք չի զգում։ Այժմ նա ինքն է գնում նրա մոտ։

Ծաղկած արմավաշուշանի տակ, ազոտեայի ճաղաշարի ետևը թաքնված՝ Լուիզան հայացքով հետևում էր անցնող ձիավորին։ Լոռնետը աչքերին դնելով՝ նա կարող էր նկատել մուստանգերի ամեն մի շարժումը, նույնիսկ դեմքի արտահայտությունը։

Աղջիկը որոշ թեթևություն զգաց, նկատելով, որ նա մի քանի հայացք գցեց Կասա դել Կորվոյի կողմը, և ավելի ևս հաճելի եղավ, երբ Մորիսը կանգ առավ ուղեմերձ անտառակի ստվերում և երկար, ուշադիր նայում էր հասիենդայի կողմը։

Լուիզայի մեջ մի հույս առկայծեց, որ հասիենդայի կողմը նայելիս նա իր մասին է մտածում։ Բայց դա սոսկ ուրախության մի շող էր, որ նորից փոխարինվեց մռայլ թախիծով, ինչպես արևի լույսը խավարումի պահին։

Մորիս Ջերալդն ասպանղակեց ձիուն և ծածկվեց մացառուտի ետևը, որտեղ կորչում էր ճանապարհը։

Բայց ո՞ւր էր գնում նա։ Իհարկե՝ այցելելու դոնյա Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոսին։ Եվ մի՞թե կարելի էր մխիթարվել նրանով, որ մի ժամ էլ չանցած՝ նա ետ դարձավ։ Չէ՞ որ նրանք կարող էին հանդիպել մոտիկ անտառում, համարյա խանդոտ մրցակցուհու աչքի առաջ, միայն տերևների քողով քողարկված։

Լուիզային չմխիթարեց և այն, որ մուստանգերը մոտիկից անցնելիս նորից նայեց հասիենդային, նորից կանգ առավ անտառակի մոտ ու երկար նայում էր Կասա դել Կորվոյի կողմը։

Այդ հայացքը ծաղրական էր, կամ գուցե և հաղթական։ Իհարկե, Մորիսը կարող է հաղթանակ տոնել։ Բայց ինչո՞ւ համար է այդ դաժանությունը։ Ինչո՞ւ է կանգ առել այստեղ, երբ դեռ իր շուրթերին չեն պաղել Իսիդորայի համբույրները։

Գլուխ XXVII․ «Ես սիրում եմ քեզ»

Լուիզա Պոյնդեքստերը նորից ազոտեայում է, նորից մեն-մենակ իր վշտի հետ։ Քարե լայն սանդուղքը բերեց նրան այնտեղ, որտեղ նորանոր փորձություններ էին սպասում։ Արդեն քանի անգամ ինքն իրեն երդվել էր, որ այլևս այնտեղ չի բարձրանալու, համենայնդեպս մոտ ժամանակներս։ Բայց նրա կամքը տեղի էր տալիս մի ավելի ուժեղ զգացմունքի առաջ, և երդումը խախտվում էր հենց մյուս օրը, նախքան արևը կցամաքեցներ պրերիայի կանաչի վրա նստած ցողը։

Նախորդ օրվա պես նա ազոտեայում կանգնած՝ հայացքը հառել էր գետի այն կողմի ճանապարհին։ Նախորդ օրվա պես տեսավ թևը կապած անցնող ձիավորին։ Նախորդ օրվա պես նա կռանալով թաքնվեց ճաղերի ետևը։

Ձիավորը գնում էր նույն ուղղությամբ, ինչպես նախորդ օրը։ Նա նախորդ օրվա պես մի հայացք գցեց հասիենդայի վրա և, անտառակի ստվերում կանգ առնելով, երկար նայում էր Կասա դել Կորվոյի կողմը։

Հույսով ու սարսափով էր թպրտում դեռատի կրեոլուհու սիրտը։ Նա արդեն պատրաստ էր դուրս գալու իր թաքստոցից, բայց վախն ավելի ուժեղ դուրս եկավ, իսկ մի րոպե անց՝ ձիավորն անհետացավ։

Ո՞ւր։

Իհարկե՝ դոնյա Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոսի հետ տեսնվելու։

Մի՞թե կարող է կասկած լինել այստեղ։

Ինչ էլ որ լինի, նա շուտով այդ կիմանա։ Քսան րոպե չանցած՝ նույն ճանապարհին երևաց հովազի գույնի մի ձի՝ հեծյալ կինը վրան։

Կրեոլուհու խանդոտ սիրտն այլևս չէր կարող կասկածներով տառապել։ Ոչ մի ճշմարտություն չէր կարող ավելի մեծ տանջանք պատճառել նրան, քան իր կասկածների պատճառած տանջանքն էր։ Եվ Լուիզան որոշեց ճշմարտությունն իմանալ, որը գուցե և ճակատագրական կլիներ նրա մարող հույսի համար։

Լուիզան ուղղվեց դեպի այն մացառուտը, որտեղ մի քսան րոպե առաջ անհետացել էր մուստանգերը։ Ակացիայի ծառերը երերուն ստվեր էին գցում ճանապարհի վրա։ Լուիզան գնում էր ճամփեզրի բարձր, փափուկ խոտի վրայով, որպեսզի ձին պատահաբար սմբակը քարի չխփի։ Ակացիաների փետրատերև ճյուղերն այնքան էին ցած կախվում, որ դիպչում էին նրա գլխարկի փետուրներին։ Կրեոլուհին թամբին նստել էր կռացած, ասես վախենում էր, թե իրեն կնկատեն, և միաժամանակ ինքն ուշիուշով առաջ էր նայում։

Նա բարձրացավ մի բլրի գագաթ, որտեղից երևում էր ամբողջ շրջակայքը։ Նրա առաջ բացվեց բարձր ծառերով շրջապատված մի տուն։ Դա մի հարուստ հասիենդա էր։ Լուիզան գիտեր, որ այդ տանն ապրում է դոն Սիլվիո Մարտինեսը, Իսիդորայի հորեղբայրը։

Ցածի հարթության մեջ ուրիշ տներ էլ էին երևում, բայց կրեոլուհու հարցական հայացքը հառած էր միայն այդ տան և դեպի տունը տանող ճանապարհի վրա։

Միառժամանակ նա շարունակում էր դիտել, բայց ոչ ոք չէր երևում ոչ հասիենդայում, ոչ նրա մոտերքը։ Ոչ ոք չէր երևում նաև մեծ ճանապարհին, ինչպես և՛ դեպի հասիենդա տանող կածանի վրա։ Մարգագետնում մի քանի ձի կար, բայց բոլորն էլ առանց թամբի էին։

«Սինյորուհին կարող էր ընդառաջ գալ նրան․․․ կամ գուցե Մորիսը նրանց տո՞ւնն է մտել։ Որտե՞ղ են նրանք հիմա, անտառո՞ւմ, թե տանը։ Եթե անտառումն են, ապա գիտե՞ արդյոք դրա մասին դոն Սիլվիոն, իսկ եթե Մորիսը նրանց տանն է, ապա ինչպե՞ս վերաբերվում դրան Իսիդորայի հորեղբայրը և արդյոք տա՞նն է նա»։

Լուիզայի մտքերն ընդհատեցին մի ձիու վրնջոց և ճանապարհի քարին զարկվող պայտի ձայնը։ Լուիզան ցած նայեց։ Բլրի դիք լանջով մուստանգերն ուղիղ իր մոտ էր բարձրանում։ Աղջիկն ավելի շուտ կարող էր նկատել նրան, եթե այնպես լարված հեռուն չգիտեր։

Մորիսն առաջվա պես մենակ, էր, և ոչ մի հիմք չկար ենթադրելու, թե հենց նոր բաժանվել է որևէ մեկից, առավել ևս՝ սիրած աղջկանից։

Թաքնվելն ուշ էր․ խատուտիկ մուստանգն արդեն նույնպիսի վրնջոցով պատասխանել էր իր հին ծանոթի ողջույնին։ Լուիզան ստիպված էր մնալ տեղում և սպասել մուստանգերին։

― Բարև ձեզ, միսս Պոյնդեքստեր,― ասաց նա՝ ձին մոտ քշելով։ Պրերիայում ընդունված չէ, որ կանայք առաջինը բարևեն։― Դուք մենա՞կ եք։

― Մենակ եմ, սըր։ Ինչո՞ւ եք զարմանում։

― Մացառուտն այնքան էլ հարմար տեղ չէ այդպիսի զբոսանքների համար։ Բայց, ի դեպ, դուք ինձ ասել եք, որ սիրում եք մենակ զբոսնել։

― Այդպիսի զբոսանքը կարծես ձեզ նույնպես դուր է գալիս, միստր Ջերալդ։ Բայց կարծեմ այնքան էլ չեք տառապում մենակությունից․․․ Ճիշտ չե՞մ ասում։

― Դուք իրավացի եք, ես մենակ եմ ճամփորդում հենց նրա համար, որ սիրում եմ մենակությունը։ Ցավոք սրտի, ես ստիպված եմ ապրելու հյուրանոցում։ Այնտեղ այնպիսի աղմուկ է, որ առողջ մարդու համար էլ տանելի չէ, իսկ ես առանձնապես սուր եմ զգում այդ։ Դրա համար էլ այս խաղաղ վայրերում ձիով զբոսնելը ինձ անասելի բավականություն է պատճառում։ Ակացիաների զով ստվերը և հովհարաձև տերևների հետ անխոնջ խաղացող զեփյուռի սոսափյունը նույնիսկ մեռնողի ուժը կարող են վերականգնել։ Դուք այդպես չե՞ք կարծում։

― Դուք ավելի լավ կիմանաք այդ,― շփոթված պատասխանեց Լուիզան։― Չէ՞ որ դուք հաճախ եք լինում այս կողմերում․․․

― Հաճա՜խ։ Ես ընդամենը երկրորդ անգամն եմ այստեղով անցնում այն օրից, երբ կարողացել եմ նորից թամբին նստել։ Բայց, ներեցեք, միսս Պոյնդեքստեր․․․ որտեղի՞ց գիտեք, որ ես այստեղով անցել եմ։

― Ա՜խ,― պատասխանեց Լուիզան կարմրելով ու շփոթվելով,― ես չէի կարող չնկատել այդ։ Ես սովոր եմ օրվա մեծ մասն անցկացնել ազոտեայում։ Այնտեղ այնքա՜ն լավ է, հիանալի տեսարան, և առանձնապես լավ է առավոտները, երբ զով զեփյուռ է փչում, և այգում ամեն կողմից թռչունների երգն է լսվում․․․ Մեր կտուրից երևում է այս ճանապարհը։ Եվ ես տեսնում էի ձեզ, երբ դուք անցնում էիք այստեղով, այսինքն, քանի դեռ չէիք անցնում ակացիաների ետևը։

― Նշանակում է դուք տեսե՞լ եք ինձ,― ասաց Մորիսը շփոթվելով։ Բայց նրա շփոթմունքը աղջկա վերջին խոսքի պատճառով չէր, որ նա ուղղակի չհասկացավ, շփոթմունքի պատճառն այն էր, որ հիշեց, թե ինչպես ինքը կանգ էր առնում թփուտում և երկար նայում հասիենդային։

― Դե իհարկե։ Չէ՞ որ ճանապարհը մեր տնից մի վեց հարյուր յարդ հեռավորությամբ է անցնում։ Ես նույնիսկ կարողացա լավ տեսնել այն աղջկան, որն այստեղով անցնում էր ձի հեծած, թեև նրա ձին այնքան աչքի ընկնող չի, ինչպես ձերը։ Ես տեսա, թե նա ինչպես հմտորեն լասսոն գցեց խեղճ փոքրիկ քարայծի վիզը, և իսկույն գլխի ընկա, որ դա հենց այն դեռատի աղջիկն է, որի տաղանդի մասին դուք այնքան սիրալիր պատմում էիք ինձ։

― Իսիդորա՞ն։

― Իսիդորան։

― Ա՛խ, այո՛։ Մի որոշ ժամանակ նա հյուր էր այստեղ։

― Եվ շատ ուշադի՞ր էր միստր Ջերալդի նկատմամբ։

― Այո, դուք իրավացի եք․ նա, իսկապես, շատ բարի է եղել, թեև ես դեռ հնարավորություն չեմ ունեցել շնորհակալություն հայտնելու նրան։ Չնայած ինձ հետ բարեկամական հարաբերությունների մեջ է, բայց նա օտարերկրացիներին չի սիրում և երբեք չէր համաձայնի միստր Օբերդոֆերի հյուրանոցի շեմքը կոխել։

Իսկապե՞ս։ Երևի նա գերադասում է ձեզ հետ հանդիպել ակացիաների ստվերո՞ւմ։

― Ես բոլորովին չեմ տեսել նրան, համենայնդեպս արդեն մի քանի ամիս կլինի, և երևի էլի երկար ժամանակ չեմ տեսնի, նա վերադարձել է տուն՝ Ռիո Գրանդե։

― Դուք ճշմարի՞տ եք ասում, միստր Ջերալդ, Դուք այն ժամանակից նրան չե՞ք տեսել․․․ Եվ նա գնացե՞լ է իր հորեղբոր մոտից։

― Այո, չեմ տեսել,― զարմանքով պատասխանեց Մորիսը։― Եվ նրա այստեղ լինելն էլ իմացել եմ նրանից, որ երբ ես պառկած էի, ինձ ամեն տեսակ ուտելիքներ էր ուղարկում, որոնք, ճիշտն ասած, իսկը ժամանակին էին։ Օբերդոֆերի հյուրանոցի խոհանոցը արժանի չէ առանձին գովասանքի, և մյուս կողմից իր վերաբերմունքն էլ դեպի ինձ՝ այնքան էլ լավ չէր։ Դոնյա Իսիդորան, պետք է ասել, շատ առատորեն երախտահատույց եղավ այն փոքրիկ ծառայության համար, որ ես մի ժամանակ մատուցել եմ նրան։

― Ծառայությո՞ւն։ Կարելի՞ է հարցնել, թե ինչ ծառայություն է եղել դա, միստր Ջերալդ։

― Իհարկե։ Դա պատահաբար ստացվեց։ Մի անգամ ես բախտ ունեցա դոնյա Իսիդորային փրկելու հնդկացիների ձեռքից։ Վայրի Կատուն էր և իր ազգական սեմինոլները։ Նրանք Իսիդորայի վրա էին հարձակվել, երբ նա Ռիո Գրանդեից գալիս էր Լեոնայի ափը՝ իր հորեղբայր դոն Սիլվիո Մարտինեսի մոտ․ ահա, այնտեղ երևում է նրա տունը։ Սրիկաները հարբած էին, և նրան եթե ոչ մահ, համենայնդեպս լուրջ վտանգ էր սպառնում։ Խեղճի համար շատ դժվար կլիներ դուրս պրծնել նրանց ձեռքից, եթե ես ժամանակին չհասնեի։

Եվ դուք այդ կոչում եք փոքրի՞կ ծառայություն։ Դուք շատ համեստ եք, միստր Ջերալդ։ Եթե ես այդպիսի դրության մեջ ընկնեի, և որևէ մեկը փրկեր ինձ․․․

― Ինչո՞վ երախտապարտ կլինեիք դուք,― հարցրեց մուստանգերն ակներև հուզմունքով։

― Ես կսիրեի նրան,― արագ պատասխանեց Լուիզան։

― Եթե այդպես է,― շշնջաց Մորիսը՝ թեքվելով դեպի Լուիզան,― ես իմ կյանքի կեսը կտայի, որպեսզի ձեզ տեսնեի հնդկացիների ձեռքում, և էլի կեսը կտայի, որպեսզի ձեզ փրկեի նրանցից։

― Ճշմարի՞տ եք ասում, Մորիս Ջերալդ։ Կատակ չե՞ք անում։ Չէ որ ես երեխա չեմ։ Ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ։ Ասացեք, դուք ան-կե՞ղծ եք ինձ հետ։

― Հավատացեք, ճշմարիտ եմ ասում։

Լուիզա Պոյնդեքստերը բարձրացավ ասպանդակների վրա և ձեռքը դրեց մուստանգերի ուսին։ Պատասխանելով տղայի համբույրին՝ աղջիկը ջերմորեն շշնջաց․

― Ես սիրում եմ քեզ։

Գլուխ XXVIII․ Արգելված զվարճություն

Այն ժամանակից, ինչ Տեխասում երևացել էին անգլոսաքսոնական գաղութականները, նույնիսկ կարելի է ասել այն ժամանակներից, երբ կոնկվիստադորների նախնիները Տեխասը գաղութացրին, որ տեղի էր ունեցել մի հարյուր տարի առաջ, նրա բնակիչների համար ամենակարևորը հնդկացիների հետ ունեցած հարաբերություններն էին։

Հնդկացիները, այդ երկրի օրինական տերերը, բացահայտ պատերազմ մղեին գաղութարարների դեմ, թե խաղաղություն տիրեր, միևնույն է, նրանք խոսակցության մշտական նյութն էին։ Առաջին դեպքում խոսում էին վրա հասած վտանգի մասին, երկրորդ դեպքում քննարկում էին այն հարցը, թե արդյոք կարմրամորթ առաջնորդները երկա՞ր ժամանակով են թաղել իրենց տոմագավկները[48]։

Այդ թեման քննարկվում էր ամենուրեք և միշտ, լիներ դա նախաճաշի ժամանակ, ճաշի, թե ընթրիքի։ Ագարակատիրոջ հասիենդայում լիներ, թե որսորդի խրճիթում, «արջ», «կատվառյուծ», «վայրի վարազ» բառերն ավելի քիչ և ավելի պակաս վախով էին արտասանվում, քան «հնդկացի» բառը։ Տեխասում երեխաներին հնդկացիներով էին վախեցնում, բայց ծնողներն էլ պակաս չէին վախենում նրանցից։

Նույնիսկ Կասա դել Կորվոյի քարե բարձր պարիսպները, որոնք հասիենդային ամրոցի տեսք էին տալիս, նրա բնակիչներին չէին փրկում այդ վախից, որը հուզում էր սահմանամերձ գոտու ամբողջ բնակչությանը։

Մինչև այժմ Պոյնդեքստերի ընտանիքը սոսկ աղոտ հասկացողություն ուներ հնդկացիների մասին, այն էլ միայն ըստ լսածների, բայց օրեցօր նա ավելի շատ բան էր իմանում «այս կողմերի սարսափի» մասին։

Նրանք արդեն սկսել էին հավատալ, որ այդ վտանգը մտացածին բան չէ, իսկ եթե որևէ մեկը դեռ կասկածում էր, ապա այդ կասկածն էլ պետք է ցրեր ամրոցի պարետ մայորի նամակը, որ ուղարկեց խնջույքի օրվանից մի երկու շաբաթ հետո։

Նամակը բերեց մի հեծյալ հրաձիգ վաղ առավոտյան, երբ ագարակատերը նախաճաշելու համար սեղան էր նստում, որի շուրջն արդեն ժողովվել էր ամբողջ ընտանիքը՝ Լուիզան, Հենրին և Կասսի Կոլհաունը։

― Զարմանալի նորություն,― գոչեց Պոյնդեքստերը արագ աչքի անցկացնելով թուղթը։― Եվ շատ անհաճո նորություն, եթե միայն ճիշտ է։ Բայց քանի որ մայորն ինքն էլ համոզված է, նշանակում է կասկածելու առիթ չկա։

― Անհաճո նորությո՞ւն, հայրիկ,― հարցրեց աղջիկը խիստ կարմրելով և իսկույն էլ մտածեց ինքն իրեն․ «Ի՞նչ կարող է գրած լինել մայորը։ Ես նրան երեկ հանդիպեցի անտառակում։ Նա ինձ տեսավ նրա․․․ Կարո՞ղ է այդպիսի բան լինել։ Աստվա՜ծ իմ, եթե հայրիկս իմանա․․․»

― «Կոմանչների ցեղը ռազմի ուղին է բռնել», ահա թե ինչ է գրում մայորը,― ասաց Պոյնդեքստերը։

― Ա՞յդ է ամենը,― թեթևացած հարցրեց Լուիզան, ասես այդ տեղեկության մեջ ոչ մի սարսափելի բան չկար։― Դու վախեցրիր մեզ։ Ես էլ կարծում էի, թե որևէ ավելի սարսափելի բան է պատահել։

― Ավելի սարսափելի՞։ Ի՜նչ հիմարություններ ես ասում, դստրիկս։ Տեխասում կոմանչներից ավելի սարսափելի բան չկա։ Դա ամենամեծ վտանգն է։

Հնարավոր է, որ Լուիզան համաձայն չէր դրան և մտածում էր ուրիշ վտանգների մասին, որոնցից խուսափելն ավելի հեշտ չէր։ Գուցե նա հիշեց վայրի հովատակների երամակը կամ լասսոյի հետքը խանձված պրերիայում։ Նա ոչինչ չպատասխանեց։

Խոսակցությունը շարունակեց Կոլհաունը․

― Իսկ մայորը համոզվա՞ծ է, որ հնդկացիները որոշել են պատերազմ սկսել։ Ի՞նչ է գրում նա, քեռի։

― Գրում է, որ արդեն մի քանի օր է այդպիսի լուրեր էին պտտվում, սակայն ինքը մի առանձին նշանակություն չէր տալիս դրանց։ Բայց հիմա ամեն ինչ հաստատվել է։ Երեկ երեկոյան ամրոց է եկել սեմինոլների առաջնորդ Վայրի Կատուն՝ իր մի քանի ցեղակիցների հետ։ Նա հաղորդել է, որ ամբողջ Տեխասում կոմանչներն իրենց իջևաններում ներկած սյուներ են տնկել և արդեն մի ամիս է, պատերազմի պարեր են պարում, որ մի քանի ջոկատ արդեն արշավի են ելել և ամեն րոպե նրանք կարող են երևալ Լեոնայի ափերին։

― Իսկ ինքը՝ Վայրի Կատուն, մի՞թե ավելի լավ է,― հարցրեց Լուիզան՝ հիշելով մուստանգերի պատմած դեպքը։― Մի՞թե այդ դավաճանին կարելի է վստահել։ Ամեն ինչից երևում է, որ նա սպիտակներին նույնքան թշնամի է, որքան իր ցեղակիցներին։

― Դու իրավացի ես, դստրիկս։ Մայորն այս նամակում նրան ճիշտ նույնպիսի բնութագրություն է տալիս։ Նա խորհուրդ է տալիս զգույշ լինել այդ երկերեսանի սրիկայի հետ, որը, իհարկե, հենց որ հարմար գտնի, կանցնի կոմանչների կողմը։ Դե՛հ, ի՞նչ կա որ,― ասաց ագարակատերը, նամակը մի կողմ դնելով և շարունակելով խմել իր սուրճը,― ես հույս ունեմ, որ մենք այստեղ կարմրամորթներին բոլորովին չենք տեսնի, ո՛չ կոմանչներին, ո՛չ սեմինոլներին։ Պետք է կարծել, որ ռազմի ուղին բռնելով՝ կոմանչները կնահանջեն Կասա դել Կորվոյի ատամնավոր պարիսպների առաջ և սիրտ չեն անի դիպչել մեր հասիենդային․․․

Այդ ժամանակ սեղանատան շեմքում, որտեղ բոլորը նստած նախաճաշում էին, երևաց կառապանի սև դեմքը, և խոսակցությունն անցավ մի ուրիշ նյութի։

― Ի՞նչ ես ուզում, Պլուտոն,― հարցրեց Պոյնդեքստերը։

― Հո՛-հո՛։ Մասս Վուդլի, Պլուտոնին ոչինչ պետք չէ։ Ես հենց այնպես ներս մտա։ Միայն պետք է միսս Լուիզային ասեմ, թող նախաճաշը շուտ վերջացնի, խատուտիկը կանգնած է թամբը վրան և սպասում է, որ երկաթը բերանը խցկեն։ Խատուտիկը չի ուզում քարերի վրա կանգնել, պրե-րիայի փափուկ խոտն է ուզում։

― Դու զբոսանքի՞ ես գնում, Լուիզա,― հարցրեց ագարակատերը ակներև դժգոհությամբ։

― Այո, հայրիկ։ Ես ուզում էի մի քիչ զբոսնել։

― Դու այդ չպետք է անես։

― Ինչո՞ւ։

― Հասկացիր ինձ։ Ես չեմ ուզում, որ դու մենակ գնաս։ Դա անվայել բան է։

― Բայց ինչո՞ւ, հայրիկ։ Չէ՞ որ ես շատ անգամ եմ մենակ գնացել։

― Այո, դժբախտաբար, շատ հաճախ։

Վերջին դիտողությունն աղջկան ստիպեց փոքր-ինչ կարմրել, թեև համոզված չէր, թե հայրն ինչ նկատի ունի։

Բայց Լուիզան հարցուփորձ չարեց։ Ընդհակառակն, գերադասեց կարճ կապել, և այդ պարզ էր նրա պատասխանից։

― Եթե դու դեմ ես դրան, հայրիկ, ես այլևս պրերիա չեմ գնա զբոսնելու։ Բայց մի՞թե դու որոշել ես ինձ տանը փակած պահել, երբ դուք, տղամարդիկդ գնում եք ձեր գործերով։ Ա՜յ թե ինչ կյանք պիտի ունենամ ես այս Տեխասում։

― Դու ինձ ճիշտ չհասկացար։ Լուիզա։ Ես ամենևին դեմ չեմ, որ դու զբոսանքի գնաս։ Զբոսնիր՝ որքան սիրտդ ուզում է, միայն թե քեզ հետ որևէ մեկը լինի։ Գնա Հենրիի հետ, կամ Կասսիի։ Բայց ես չեմ ուզում, որ դու մենակ գնաս։ Դրա համար ես պատճառներ ունեմ։

― Պատճառնե՞ր։ Ի՞նչ պատճառներ։

Այս հարցն ակամա դուրս թռավ Լուիզայի շուրթերից։ Նա իսկույն էլ ափսոսաց, որ իրեն չի զսպել և անհանգիստ սպասում էր հոր պատասխանին։

Բայց հոր պատասխանը մի փոքր հանգստացրեց նրան։

― Էլ ի՞նչ պատճառներ են հարկավոր քեզ,― ասաց ագարակատերը՝ ըստ երևույթին թեթևացած պատճառ բերելով ամենահարմար առիթը։― Հենց ամենից առաջ մայորի այս նամակը։ Մի՛ մառացիր, որ Տեխասը Լուիզիանա չէ, որտեղ աղջիկն ազատորեն կարող է գնալ, ուր սիրտն ուզենա, առանց վախենալու, թե իրեն կնեղացնեն կամ կկողոպտեն։ Այստեղ, Տեխասում, նույնիսկ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Օրինակ՝ հնդկացիները։

― Հնդկացիներից վախենալու բան չունեմ։ Ես երբեք հասիենդայից հինգ մղոնից ավելի չեմ հեռանում։

― Հինգ մղո՜ն,― գոչեց պաշտոնաթող կապիտանը ծաղրաբար։― Դա միևնույնն է, թե հիսուն մղոն հեռանաս։ Հնդկացիներին դու նույն հաջողությամբ կարող ես հանդիպել մեր տան դարբասից մի հարյուր քայլի վրա, ինչպես հարյուր մղոնի վրա։ Երբ նրանք ռազմի ուղին են բռնում, նրանց կարելի է հանդիպել ամեն տեղ և ամեն ժամանակ։ Ես կարծում եմ Վուդլի քեռին ճիշտ է ասում․ քո կողմից խիստ անզգուշություն կլինի մենակ գնալ։

― Օ՜, դու այդպե՞ս ես կարծում,― հեգնանքով հարցրեց կրեոլուհին, արհամարհանքով նայելով հորաքրոջ տղային։― Դե ասա խնդրեմ, ո՞րն է լինելու քո օգնությունը, եթե ես, իսկապես, կոմանչների հանդիպեմ, թեև ես համոզված եմ, որ այդ չի լինի։ Ի՜նչ տեսարան կլինի․ մենք երկուսս միասին՝ երեսները նախշած վայրենիների ռազմաշունչ ցեղի մեջ։ Հա՛-հա՛-հա՛։ Վտանգի մեջ կլինես դու և ոչ թե ես։ Ես իմ խատուտիկով կսլանամ տուն, իսկ դու կմնաս նրանց մոտ։ Ա՛յ, իսկապես վտանգ՝ տնից հինգ մղոնի վրա։ Դե փորձիր ամբողջ Տեխասում գտնել մի ձիավոր, ներառյալ նաև վայրենիներին, որը կարողանա հասնել իմ ետևից, երբ ես իմ սիրելի խատուտիկի վրա եմ։ Հազիվ թե այդ հաջողվի քեզ, Կա՛շ։

― Լռի՞ր, աղջիկս,― խստորեն ասաց Պոյնդեքստերը։― Ես չեմ ուզում այդպիսի անմիտ շատախոսություն լսել․․․ Ուշադրություն մի՛ դարձնի նրա վրա, Կասսի։ Եվ բացի հնդկացիներից այստեղ շատ, կա ամեն տե-սակ խաժամուժ, որոնցից պակաս, չպիտի զգուշանալ։ Հիշի՛ր, ես քեզ արգելում եմ մենակ գնալ հեռուն, ինչպես անում էիր առաջ։

― Թող քո ասածը լինի, հայրիկ,― հնազանդորեն պատասխանեց Լուիզան սեղանից վեր կենալով։― Իհարկե, հնազանդվում եմ։ Բայց իմացիր, որ անշարժ տանը նստելով, ես կարող եմ առողջությունս կորցնել․․․ Գնա, Պլուտոն,― դարձավ նա նեգրին, որը դեռ շեմքում կանգնած ժպտում էր։― Խատուտիկին ախոռ տար կամ բաց թող արոտում, ինչպես կուզես։ Թող նա գնա իր պրերիան, եթե այդպես է ուզում։ Ինձ այլևս պետք չէ։

Այս ասելով աղջիկը հպարտ-հպարտ դուրս գնաց սենյակից, թողնելով, որ իր ասածների մասին խորհեն տղամարդիկ, որոնք դեռ նստած էին սեղանի շուրջը։

Բայց սա նրա վերջին խոսքերը չէին։ Երբ նա միջանցքով շտապում էր դեպի իր սենյակը, բերանից շշուկով դուրս թռան մի քանի հարց, որոնց որոշակի որևէ բան պատասխանել չէր կարելի։

«Ի՞նչ կարող է իմացած լինել հայրս։ Գուցե դա միայն նրա կասկա՞ծն է։ Ո՞վ կարող էր ասել նրան։ Արդյոք նա գիտե մեր հանդիպման մասին»։

ԳԼՈՒԽ XXIX․ Էլ Կոյոտը իր տանը

Կոլհաունն էլ սեղանից վեր կացավ համարյա նույնպես անակնկալ, ինչպես Լուիզան։ Բայց նրա պես իր սենյակը չգնաց, այլ դուրս եկավ տնից։

Թեև դեռ վերքերը ցավում էին, բայց արդեն բավական կազդուրվել էր և կարող էր այգում ման գալ, գնալ մինչև ախոռ։

Բայց այս անգամ նա ավելի հեռու գնաց։ Տեղի ունեցած խոսակցու-թյան ազդեցության տա՞կ էր արդյոք, թե՞ ստացած տեղեկության կապակցությամբ՝ ձեռնափայտին հենվելով նա գնաց Ինջ ամրոցի ուղղությամբ։

Անցնելով հասիենդայի և ամրոցի միջև փռված պարապուտով՝ նա կաղալով մոտեցավ ակացիաների մի ցածր թփուտի, որը ծվարել էր ավելի բարձրաբուն ծառերի ստվերի տակ։ Կանաչ թավուտի խորքում կանգնած էր դալար ճյուղերից հյուսած և կավացեխով սվաղած մի խրճիթ հարավարևմտյան Տեխասի մի տիպիկ կացարան։

Դա Միգուել Դիազի՝ մեքսիկացի մուստանգերի կացարանն էր և լիովին համապատասխանում էր իր տիրոջը՝ անգութ կիսավայրենուն, որն իզուր չէր ստացել «Էլ Կոյոտ» մականունը։

Այնքան էլ հաճախ չէր կարելի այդ գայլին տեսնել իր որջում․ Միգուել Դիազի խրճիթը, թերևս, արժանի չէր ավելի լավ անվան։ Դա նրա գիշերելու պատահական վայրն էր միայն։ Երբեմն-երբեմն, հաջողակ որսից հետո միայն նա կարող էր իրեն թույլ տալ մի փոքր ժամանակ ապրել ավանի մոտ անձնատուր լինելով կոպիտ զվարճությունների։

Կոլհաունի բախտը բերել էր․ նա Միգուել Դիազին խրճիթում գտավ, թեև հարբած վիճակում։ Ի դեպ, դա նրա սովորական վիճակն էր։ Ասենք՝ մեքսիկացին ոտից-ձեռքից ընկած չէր․ նա կուշտ քնել էր, և արդեն խելքը գլուխն էր եկել։

― Ա՞, դո՞ւք եք, սինյոր,― գոչեց էլ Կոյոտը շեմքում տեսնելով հյուրին։ Այդ ո՞ր քամին բերեց։ Վերցրեք աթոռը։ Ահա, այստեղ է։ Աթո՛ռ։ Հա՛-հա՛-հա՛։

Էլ Կոյոտը քրքջաց, նայելով այն առարկային, որին ինքը աթոռ անունն էր տվել։ Դա պարզապես մուստանգի գանգ էր, որ աթոռի դեր էր կատարում։ Մի անտաշ սեղան՝ արմավաշուշանի երեսաթափերից, էլի նույնպիսի մի գանգ, անկողնի տեղ ծառայող եղեգնի մի կույտ, որի վրա պառկած էր տանուտերը,― ահա Միգուել Դիազի կացարանի ամբողջ կահավորությունը։

Երկար քայլելուց հոգնած Կոլհաունն օգտվեց տանտիրոջ հրավերից և նստեց գանգի վրա։ Առանց ժամանակ կորցնելու նա իսկույն գործի անցավ։

― Սինյոր Դիազ,― ասաց նա,― ես այստեղ եմ եկել․․․

― Սինյոր ամերիկանո,― գոչեց կիսահարբած մուստանգերը՝ ընդհատելով նրա բացատրությունը։― Կարամբա՛[49]։ Գիտեմ, գիտեմ, թե ինչի եք բարեհաճել այստեղ։ Ինչի՞ է պետք ավելորդ ձևականությունը։ Ես պետք է ճանապարհից մաքրեմ այդ իռլանդացի դևին։

― Այո։

― Դե ուրեմն ես արդեն խոստացել եմ, որ առաջին իսկ հարմար առիթով այդ բանը կանեմ ձեզ համար հինգ հարյուր դոլարով։ Միգուել Դիազը միշտ կատարում է իր խոստումը։ Բայց դեռ ժամանակը չի եկել, և հարմար առիթ չի եղել։ Գրողը տանի։ Մարդուն ինչպես հարկն է սպանելու համար արվեստ է պահանջվում։ Նույնիսկ պրերիայում հետքը գտնում են։ Իսկ եթե հետքը գտան, ինձ համար դա կատակ չի լինի։ Դուք մոռանում եք, սինյոր կապիտան, որ ես մեքսիկացի եմ։ Եթե ես ամերիկացի լինեի, ինչպես դուք, հեշտությամբ կարող էի թխկացնել դոն Մորիսիոյին։ Բավական էր ասել, թե վեճ է եղել, և ես ջրից չոր դուրս կգայի։ Բայց, գրողը տանի, մեքսիկացիներիս բանն ուրիշ է։ Եթե մեզնից որևէ մեկը սուրը մարդու սիրտը խրի, դա սպանություն կկոչեն։ Եվ այն ժամանակ դուք, ամերիկացիներդ, տասներկու «ազնիվ» երդվյալներից բաղկացած ձեր դատարանում վճիռ կհանեք՝ «Կախե՛լ»։ Կարա՛մբա։ Դա ինձ ձեռք չի տա։ Այդ իռլանդացուն ես էլ ձեզ պես ատում եմ, բայց վիզս օղակ գցել չեմ ուզում։ Ես պետք է սպասեմ, մինչև ժամանակը գա և հարմար առիթ լինի, գրողը տանի․ և՛ ժամանակ, և առիթ։

― Հիմա հենց իսկը հարմար ժամանակն է,― շտապ վրա բերեց Կոլհաունը՝ կռանալով մեքսիկացու վրա։― Դուք ասում էիք, որ հեշտությամբ կարող էիք այդ բանն անել, եթե միայն հնդկացիների հետ կռիվ սկսվեր։

― Ճշմարիտ է, ասել եմ, և եթե այդպես լիներ․․․

― Ուրեմն, դուք դեռ նորությունը չգիտե՞ք։

― Ի՞նչ նորություն։

― Չէ՞ որ կոմանչները ռազմի ուղի են բռնել։

― Գրո՛ղը տանի,― գոչեց Էլ Կոյոտը որսի հոտ առած գայլի պես վեր թռչելով իր եղեգնյա մահճակալից։― Օ՜, սուրբ կույս։ Մի՞թե այդ ճշմարիտ է, սինյոր։

― Իսկական ճշմարտություն։ Այդ լուրը հենց նոր է ստացվել ամրոցում։ Ես հավաստի տեղեկություն ունեմ հենց ամրոցի պարետից։

― Այդ դեպքում․․․― պատասխանեց մեքսիկացին մտքի մեջ ընկած,― այդ դեպքում դոն Մորիսիոն կարող է մեռնել։ Կոմանչները կարող են սպանել նրան։ Հա՛-հա՛-հա՛։

― Դուք համոզվա՞ծ եք դրանում։

― Ես ավելի շատ համոզված կլինեի, եթե նրա գանգամաշկի համար հինգ հարյուրի փոխարեն վճարվեր հազար դոլար։

― Նա արժե այդ գումարը։

― Ո՞ր գումարը։

― Հազար դոլար։

― Դուք խոստանո՞ւմ եք։

― Այո՛։

― Ուրեմն, կոմանչները նրա գանգամաշկը կքերթեն, սինյոր կապիտան։ Դուք կարող եք վերադառնալ Կասա դել Կորվո և հանգիստ քնել։ Հավատացած եղեք, որ առիթը ներկայանալուն պես ձեր թշնամին կմնա անմազ։ Դուք հասկանո՞ւմ եք ինձ։

― Այո՛։

― Իսկ հիմա պատրաստեցեք ձեր հազար դոլարը։

― Նրանք սպասում են ձեզ։

― Կարա՛մբա։ Ես շուտ կվաստակեմ դրանք․․․ Ցտեսություն, ողջ եղեք․․․ Սո՜ւրբ կույս,― գոչեց մեքսիկացին, հենց որ նրա այցելուն հեռացավ։― Ա՛յ թե բախտս բերեց։ Հազար դոլար ստանալ՝ թրխկացնելու համար մի մարդու, որին առանց այն էլ ուզում էի սպանել։ Կոմանչները ռազմի ուղի են բռնել։ Մի՞թե դա ճշմարիտ է։ Եթե այդպես է, ուրեմն հարկավոր է զգեստս դուրս բերել այդ դիմակահանդեսի համար։ Հնդկացիների հետ զինադադարի այս երեք երկար ու ձիգ տարիներին իմ այդ զգեստը անգործ ընկած է մնացել։ Կեցցե՛ն ռազմի ուղի բռնած հնդկացիները։ Եվ թող հաջողությամբ պսակվի իմ դիմակահանդեսը։

Գլուխ XXX․ Օդային փոստ

Լուիզա Պոյնդեքստերը սպորտի տարբեր ձևերի հետ սիրում էր զբաղվել նաև նետաձգությամբ։ Նա հիանալի տիրապետում էր աղեղին։ Աղեղ գործածելը նրան սովորեցրել էին յում ցեղի հնդկացիները։ Երբեմնի հզոր այդ ցեղի վերջին մնացորդներին մինչև հիմա էլ կարելի է հանդիպել Միսսիսիպիի դելտայում, Ատչաֆալայ ծոցի մոտ և Պոյնտ Կուպեի շրջակայքում։

Լուիզիանայից նա բերել էր իր աղեղը, բայց այն այնպես էլ փաթաթված երկար ժամանակ մնացել էր անգործ ընկած։ Տեխաս փոխադրելուց հետո նա դեռ առիթ չէր ունեցել նետաձգությամբ զբաղվելու։ Նարնջենուց պատրաստած նրա գեղեցիկ աղեղը և փետրավոր նետերը մոռացված ընկած էին պահարանի մեջ։

Բայց ահա եկավ ժամանակը, երբ նրանք պետք եղան։ Դա այն օրից հետո էր, երբ նախաճաշի ժամանակ հայրը աղջկան արգելեց մենակ զբոսանքի գնալ ձիով։

Լուիզան անտրտունջ ենթարկվեց հոր պատվերին, դեռ ավելին․ նա ոչ միայն մենակ դուրս չէր գալիս, այլև ընդհանրապես հրաժարվեց ձիով զբոսանքներից։

Խատուտիկ մուստանգը տխուր կանգնում էր ախոռում կամ վազվզում, արոտում, զարմանալով, թե ինչու իր մեջքին չի զգում թամբը, միակ բանը, որ հիշեցնում էր իր գերությունը։

Բայց Լուիզան իր սիրելի նժույգին չէր մոռացել։ Ճիշտ է, նա այլևս զբոսանքի չէր գնում, բայց ամեն օր այցելում էր Խատուտիկին և հետևում, որ լավ կերակրեն նրան։ Ձիուն կերակրում էին Կասա դել Կորվոյի ամբարների լավագույն հացահատիկով, տափաստանի հյութալի խոտով և Լեոնայի պաղ ջրով։

Պլուտոնը ջանասիրաբար խնամում էր նրան։ Քերոցով ու խոզանակով այնպես էր մաքրում ձիուն, որ նրա մաշկն ավելի պակաս չէր փայլում, քան իր դեմքի սև մաշկը։

Այժմ Լուիզան համարյա իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում էր նետաձգության։

Նա վարժությունների տեղ էր ընտրել թփուտին կից այգին։ Երեք կողմից այդ վայրը պայտաձև ընդգրկում էր գետը, չորրորդ կողմը կից էր հասիենդայի ետևի պատին։

Այգին շատ հին էր․ այդ էին ցույց տալիս ոչ միայն վիթխարի ծառերը, այլև ճաքճքած արձանները, որոնցով զարդարված էր այն։ Այդ արձանները պատրաստել էին իսպանական վարպետների հատիչները և պատկերում էին հեռավոր անցյալի հերոսներին։ Այստեղ դուք կարող էիք տեսնել Մեծն Կոնդեին, Կամպեադորին[50], Ֆերդինանդին և նրա եռանդուն թագուհուն, մեծ ծովագնացին, որին պատկանում է Ամերիկայի հայտնաբերման պատիվը, երկու նշանավոր կոնկվիստադորներին Կորտեսին ու Պիզարոյին և իր գեղեցկությամբ ու սիրած մարդուն նվիրվածությամբ հռչակված Մալինչեին[51]։

Բայց Լուիզան այդ քարե արձանների մեջ չէր նետաձգության վարժություններ անում, թեև շատ անգամ կարելի էր տեսնել, թե ինչպես է նա կանգնել Մալինչեի արձանի առաջ ու դիտում նրա չքնաղ դեմքը։ Լուիզան իր մեջ ուժ չէր գտնում նախատելու գեղեցիկ հնդկուհուն, որ նա սիրել է իսպանացի զորապետին։ Դեռատի կրեոլուհին հոգու խորքում զգում էր, որ ինքն իրավունք չունի կշտամբելու Մալինչեին։ Չէ որ ինքն էլ, մոռանալով աշխարհում ամեն բան, իր սիրտը նվիրել էր մի մարդու, որն ամենևին էլ Կորտեսի չափ հռչակավոր չէր, թեև Լուիզայի կարծիքով ավելի պակաս չէր արժանի փառքի։

Ո՛չ, Լուիզա Պոյնդեքստերն այդ արձանների մեջ չէր զբաղվում նետաձգությամբ։ Նա հեռանում էր դեպի ստվերները, բարձր ծառերի, որոնք գետի ոլորանի հետ մի կիսակլոր անտառ էին կազմում գետափի ու այգու միջև։ Այստեղ բարձրանում էին մի քանի դար առաջ իրենք իրենց աճած թթենիներ, մայրիներ ու գիկորներ, որոնց խնայել էր այգեպանի կացինը, երբ այդտեղ այգի էր գցվում։

Կրեոլուհին սիրում էր նստել անտառի այդ հսկաների կանաչ կա-մարների տակ կամ թափառել հանդարտ հոսող վճիտ գետի ափին։

Լուիզան այստեղ կարող էր բոլորովին մենակ լինել, իսկ վերջին ժամանակներս նա միայնություն էր որոնում։ Հայրը նույնիսկ ամենախիստ տրամադրության մեջ եղած ժամանակ չէր կարող առարկել դրա դեմ։ Նա չէր անհանգստանում աղջկա համար․ Կասա դել Կորվոյի բարձր պարիսպները, որոնց վրա չէր կարելի բարձրանալ առանց սանդուղքի օգնության, և խոր ու լայնահուն գետը հուսալի պաշտպան էին նրա համար։ Ագարակատերը ոչ միայն չէր հակառակում այդ մենավոր զբոսանքներին, այլև, ընդհակառակն, գոհ էր դրանից։ Այն կասկածները, որ նրա մեջ սկսել էին ծագել, և ոչ առանց հիմքի, սկսեցին ցրվել։

Վերջիվերջո դա կարող էր լինել սոսկ սովորական բամբասանք։ Հնարավոր է, որ ինքը չար լեզուների զոհ է դարձել։ Շատ հավանական է, որ իր դստեր հանդիպումը Մորիս մուստանգերի հետ նախամտածված չի եղել։ Չէ՞ որ նրանք կարող էին պատահաբար հանդիպել մացառուտներում։ Եվ, իհարկե, Լուիզայի համար անհարմար կլիներ անխոս անցնել մի մարդու մոտով, որը երկու անգամ փրկել էր նրա կյանքը։ Հավանորեն նա պարզապես մի անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնել մուստանգերին։

Հենց այն, որ աղջիկն անտրտունջ հրաժարվեց ձիով զբոսանքներից, հաստատում էր այդ ենթադրությունը։ Սովորաբար նա այնքան էլ հեշտությամբ չէր հնազանդվում։ Նշանակում է այդ զբոսանքները նրա հա-մար առանձնապես թանկ չէին։

Այսպես էր դատում սիրող հայրը, որն իր դստեր բնավորությունը հասկանալու ուրիշ միջոց չուներ։ Եթե նրանք ապրած լինեին ուրիշ երկրում, կամ ուրիշ շրջանի պատկանելիս լինեին, նա գուցե և ուղղակի հարց կտար և ուղղակի պատասխան կպահանջեր։ Բայց Միսսիսիպիում այդ-պես չէ ընդունված։ Այնտեղ տասը տարեկան որդին կամ աղջիկը, որի տասնհինգ տարին էլ դեռ չի լրացել, կվրդովվեին և դա կկոչեին բծախնդիր հարցաքննություն։

Դժվար թե Վուդլի Պոյնդեքստերը հույս դներ իր դստեր որդիական հարգանքի վրա։ Վերջին տարիներս նրա գեղեցկուհի դուստրը վարժվել էր, որ իր առաջ խոնարհվեն ու հաճոյախոսություններ անեն, իսկ սա հաճախ փչացնում է մարդուն։

Չնայած նա հայր էր և ըստ օրենքի դստեր վրա իշխանություն ուներ, բայց շատ լավ էր հասկանում, թե որքան պայմանական է այդ իշխանությունը։

Դրա համար էլ հայրը գոհ էր, որ աղջիկը հնազանդվեց և ուրախ էր, որ հիմա պրերիայում անզուսպ արշավանքներ կատարելու փոխարեն նա գոհանում է զբոսանքներ կատարելով այգում, որտեղ զվարճանում է նետեր արձակելով մանրիկ թռչնակների վրա, որոնք դժբախտություն են ունենում մոտենալու նրան։

Ինչո՞ւ եք դուք այդպես միամիտ դատում, հիսնամյա հայր։ Մի՞թե մոռացել եք ձեր երիտասարդությունը, մոռացել եք, թե ինչպես էիք երազում, ինչպես էիք խաբում ու ձևանում, ինչպիսի «հեքիաթներ» էիք պատմում, որպեսզի թաքցնեք այն, ինչը երևի ձեր կյանքի ամենաազնիվ զգացմունքն էր։

Բայց չքնաղ Լուիզայի հայրը կարծես ոչինչ չէր հիշում, թեպետև հիշելու շատ բան ուներ։ Նա մոռացել էր ամեն բան, ինչ այն ժամանակ հուզում էր իրեն, հակառակ դեպքում նա առիթ կգտներ, որպեսզի աղջկա ետևից այգի գնա և առանց իր ներկայությունն իմացնելու տեսնի, թե ինչպես է անում Լուիզան գետի ափը եզերող թփուտում։

Այն ժամանակ նա կիմանար, որ Լուիզան ամենևին էլ այնքան անգութ չէ, որքան կարող է թվալ, նա թռչնակներին չէր նշան բռնում, որոնք այնքան դյուրահավատորեն ճախրում էին աղջկա շուրջը։ Դրա համար չէ, որ նա ձգում էր իր աղեղը։ Մի թղթի կտոր ամրացնելով նետի ծայրին՝ նա այն ուղարկում էր գետի դիմացի ափի թփուտը։

Եվ նա կտեսներ մի շատ ավելի հետաքրքիր բան, քիչ ժամանակ անց՝ այդ նույն նետը, ասես դժգոհ լինելով իր գնացած տեղից, վերադառնում էր աղջկա ձեռքը, միևնույն թուղթը կամ գուցե նրա նման մի թուղթ ծայրոցին կապած։

Անտեղյակ դիտողին նետի այդ ետ ու առաջ թռիչքները կարող էին տարօրինակ երևույթ թվալ, նույնիսկ անբնական։ Բայց քանի որ կողմնակի դիտողներ չկային, ապա էլ ո՞վ պիտի զարմանար։ Իսկ այդ խաղի երկու մասնակիցներին, որոնք հերթով ձգում էին իրենց աղեղները և միևնույն նետը ետ ու առաջ ուղարկում, ամեն ինչ հասկանալի էր։

Սերը ծիծաղում է ամեն մի արգելքի վրա։

Հանդիպելու հնարավորությունից զրկված չլինելով Մորիսն ու Լուիզան հնարել էին այդ օդային փոստը։

Գլուխ XXXI․ Հաջողակ անցում

Օդային փոստը երկար չապրեց։ Մի՞թե սիրահարները կարող են գոհանալ նամակագրությամբ և իրարից անջատ մնալ նետի թռիչքի հեռավորությամբ։ Սիրող սրտերը պետք է բաբախեն ու այրվեն իրար բոլորովին մոտիկ։

Մորիս Ջերալդն ու Լուիզա Պոյնդեքստերն այլևս անջատումը տանել չէին կարող։ Եվ, վերջապես, նրանք հանդիպեցին՝ ո՛չ արեգակի դավաճան լույսի տակ, այլ գիշերային լռության մեջ, և միայն աստղերն էին նրանց գաղտնիքի համր վկաները։ Արդեն երկու անգամ նրանք տեսնվել էին այգու ետևի անտառակում։ Երկու անգամ սիրո երդումներ էին փոխանակել աստղերի առկայծուն լույսի տակ։ Նշանակվել էր նաև երրորդ տեսակցությունը։

Իսկ ագարակատերը, որն այնպես հպարտանում էր իր աղջկանով, կասկածի նշույլ անգամ չուներ, որ նա դաժանորեն խաբում է իրեն։ Նրա դուստրը, նրա միակ դուստրը, գեղեցիկ ու շնորհալի արիստոկրատուհին, որը կարող էր փայլուն զույգ գտնել իր համար, սիրում է մի հասարակ մուստանգերի։ Եթե Պոյնդեքստերն այդ բանը երազում տեսներ, վեր կթռչեր իր փափուկ անկողնից, ինչպես աշխարհի վերջն ազդարարող փողի ձայնից։ Նրա մեջ ամենաչնչին կասկած անգամ չէր ծագում։ Այդ ամենը բոլորովին ճշմարտանման չէր և խիստ հրեշավոր էր։ Եվ եթե այդպիսի միտք ծագեր նրա մեջ, դա բոլորովին անհեթեթ կթվար։

Նա գոհ էր այն անտրտունջ հնազանդությունից, որով աղջիկն ընդունեց իր արգելանքը։ Ճիշտ է, նրա համար ավելի հաճելի կլիներ, եթե Լուիզան ավելի ճշգրիտ կատարեր հոր ցանկությունը և բոլորովին չհրաժարվեր պրերիայում զբոսնելուց, միայն թե գնար եղբոր կամ հորաքրոջ տղայի հետ։ Բայց նա մինչև հիմա դրան չէր համաձայնում, իսկ ինքն էլ չէր պնդում։ Հայրը սիրով զիջում էր աղջկա քմահաճույքին։ Չէ՞ որ քանի դեռ Լուիզան տանն է մնում, նոր բամբասանքներ ծագել չեն կարող։ Աղջկա զիջողությունն այնքան էր զինաթափ արել հորը, որ նա համարյա ափսոսում էր, որ արգելք է դրել։ Հանգստացած լինելով՝ նա արդեն մտածում էր իր կարգադրությունը փոխել։

*  *  *



Այն լուսնկա գիշերներից մեկն էր, որպիսիք լինում են միայն հարավում, այնպիսի մի գիշեր, երբ լուսնի արծաթափայլ սկավառակը սահուն լող է տալիս շափյուղյա երկնքում, իսկ թափանցիկ օդում լեռներն այնպես պարզ են գծագրվում, որ թվում է ձեռքդ մեկնես՝ կդիպչի նրանց, երբ զեփյուռը դադարում է, և արևադարձային ծառերի խոշոր տերևներն անշարժանալով ասես ականջ են դնում գազանների, թռչունների, սողունների ու միջատների գիշերային ձայների զմայլելի խմբերգին։

Դա այնպիսի մի գիշեր էր, երբ ուզում եք զբոսնել ձեր միակ սիրելի արարածի հետ, որը բնության ինչ-որ խորհրդավոր հրամանով տիրապետել է ձեր սրտին, երբ դուք երազում եք, որ նրա ճերմակ ձեռքերը փաթաթվեն ձեր պարանոցին, և չքնաղ աչքերը ձեզ նայեն այն հուզիչ արտահայտությամբ, որն ամենից ավելի սիրելի է լինում լուսնի խորհրդավոր լույսի տակ․․․ Վաղուց արդեն հետևակայինների թմբուկն ու հեծելազորայինների շեփորն ազդարարել էին, որ Ինջ ամրոցի կայազորի քնելու ժամանակն է։ Կարճ ասած՝ արդեն կեսգիշերին մոտ էր, երբ Օբերգոֆերի հյուրանոցի դարբասից դուրս եկավ մի ձիավոր։ Նա ձին քշեց Լեոնայի ափի երկա-րությամբ ձգված ճանապարհով և շուտով ավանը իր ետևը թողեց։

Ինչպես արդեն ասել ենք, այդ ճանապարհն անցնում էր Կասա դել Կորվոյի հասիենդայի մոտով, գետի դիմացի ափով։ Ասել ենք նաև, որ այն պրերիայի բաց տարածությունը կտրում-անցնում էր այնտեղով, որտեղ մի փոքրիկ անտառակ կար։

Ծառերի այդ միայնակ խումբը մեկն էր նրանցից, որոնց պրերիայի բնակիչները կոչում են անտառի կղզյակ, և գտնվում էր հենց այն ճանապարհի մոտ, որով գնում էր ավանից հենց նոր դուրս եկած ձիավորը։

Հասնելով անտառակին՝ ձիավորը ցած թռավ ձիուց և նրան կապեց մի ծառից։ Հետո նա թամբի աղեղից վերցրեց ձիու մազից հյուսած մի երկար պարան, օղակաձև փաթաթեց այն և թևին գցելով անաղմուկ ան-ցավ անտառակն ու մոտեցավ գետին։

Ծառերի խիտ ստվերից դուրս գալուց առաջ նա հարցական նայեց երկնքին ու պայծառ լուսավորող լուսնին։ Նրա հայացքում անհանգստություն զգացվեց։

― Միտք չկա սպասել, մինչև այս գեղեցկուհին անցնի,― մտահոգ մրմնջաց նա։― Երևում է՝ նա որոշել է մինչև առավոտ պառկել ու չգնալ։

Հետո նա նայեց այն բաց տարածությանը, որ իրեն բաժանում էր գե-տից։ Դիմացի ափին սևին էր տալիս Կասա դել Կորվոյի հասիենդան։

― Ի՞նչ կլինի, եթե հիմա այնտեղ որևէ մեկը քնած չէ․․․ Բայց հազիվ թե դա հավանական լինի այս ժամին։ Իհարկե, եթե որևէ մեկին տանջում է անմաքուր խիղճը․․․ Օ՜, բայց չէ՞ որ այնտեղ կա այդպիսի մեկը։ Եթե նա քնած չէ, ապա հաստատ կնկատի ինձ։ Եթե դա միայն ինձ վերաբերեր, ամենևին չէի անհանգստանա։ Ի՞նչ անել։ Հարկավոր է ռիսկի դիմել․ ուրիշ ելք չկա։ Լուսինը մայր կմտնի միայն մի քանի ժամից հետո, իսկ երկնքում ոչ մի ամպի կտոր չկա։ Ես չեմ կարող Լուիզային ստիպել, որ սպասի։ Ուրիշ ճար չկա, ինչ ուզում է թող լինի, պետք է գնալ։

Այս ասելով նա արագ, բայց զգույշ քայլերով կտրեց-անցավ բաց տարածությունը և շուտով մոտեցավ գետի դարափուլ ափին։

Առանց այստեղ հապաղելու նա ճարպկորեն ցած իջավ, ըստ երևույթին իրեն լավ ծանոթ գալարուն շավիղով և հասավ գետին։

Մի րոպե անց՝ նա արդեն կանգնած էր ափին, իսկ ուղիղ հենց նրա դիմացը մի հսկա բարդենու ստվերի տակ ջրի մեջ օրորվում էր մի մակույկ։

Միառժամանակ այդ մարդը ուշիուշով նայում էր դիմացի մացառուտին, ըստ երևույթին ստուգելով, թե արդյոք այնտեղ որևէ մեկը թաքնված չէ՞։

Համոզվելով, որ մացառուտում ոչ ոք չկա, նա վերցրեց իր լասսոն և մի քանի շրջանաձև շարժում անելով այն նետեց դիմացի ափը։

Օղակն ընկավ մակույկի քթի ելուստին, և մարդը պարանը քաշելով մակույկը մոտեցրեց իրեն։ Նա ցատկեց մակույկի մեջ, վերցրեց հատակին ընկած թիակները և թիավարելով անցավ մյուս ափը՝ մակույկը հասցնելով հենց այնտեղ, որտեղ քիչ առաջ կանգնած էր։

Ափ դուրս գալով՝ մարդը մակույկը քաշեց ավազի վրա, որպեսզի հոսանքը չտանի։ Հետո Կասա դել Կորվոյի այս գիշերային հյուրը մտավ բարդենու ստվերի մեջ։ Թվում էր, թե նա կամ պայմանական ազդանշանի է սպասում, կամ որևէ մեկի երևալուն, ում հետ նախապես պայմանավորվել է հանդիպել այդտեղ։

Եթե այդ րոպեին որևէ մեկը նրան նկատեր, կարող էր գողի տեղ դնել, որը պատրաստվում է Կասա դել Կորվոն կողոպտել։ Բայց, լսելով անծանոթի շուրթերից դուրս թռած շշունջը, նա կհասկանար, որ իր բոլոր կասկածներն անարդարացի են։ Ճիշտ է, նա այդ տան պատերի մեջ փակված մի գանձ էր երազում, բայց դա ո՛չ փող էր, ո՛չ թանկարժեք իրեր, ո՛չ տոհմական արծաթ, դա տանտիրուհին էր։ Հազիվ թե հարկ լինի ասելու, որ այդ մարդը, որն իր ձին անտառակում թողնելով այդպես հաջողակ գետն անցավ, Մորիս մուստանգերն էր։

Գլուխ XXXII․ Լույս և ստվեր

Բարդենու տակ Մորիսը երկար չսպասեց։ Հենց նույն պահին, երբ նա մակույկի մեջ ցատկեց, Կասա դել Կորվոյի հասիենդայում այգու կողմը նայող լուսամուտներից մեկը կամացուկ բացվեց և մի որոշ ժամանակ չէր ծածկվում, ասես մեկն ուզում էր դուրս գալ և տատանվում էր, չիմանալով՝ ճանապարհն ազա՞տ է, թե՝ ոչ։

Փոքրիկ, ճերմակ մի ձեռք, որի նուրբ մատներին թանկագին մատանիներ կային, բռնել էր լուսնի շողերով լուսավորված շրջանակը։ Մի քանի րոպե անց այգին տանող սանդուղքի վրա երևաց մի աղջիկ։

Դա Լուիզա Պոյնդեքստերն էր։

Մի քանի վայրկյան նա կանգ առավ ու ականջ դրեց։ Թիակների ճղփո՞ց էր արդյոք։ Թե՞ այդ իրեն թվաց։ Ծղրիդներն օդը լցնում էին իրենց անդադրում ճռճռոցով, և հեշտությամբ կարելի էր սխալվել։

Ասենք՝ դա նշանակություն չուներ։ Պայմանավորված ժամը հասել էր, իսկ Լուիզան ճշտապահություն էր սիրում և, բացի այդ, հենց նոր սպասել էր ամբողջ երկու ժամ, որոնք նրան հավիտենականություն էին թվացել։

Համր քայլերով Լուիզան իջավ քարե սանդուղքով, մտավ այգի, կամացուկ առաջ գնաց թփուտի միջով, անցավ մարմարե արձանների մոտով և, վերջապես, հասավ բարդենու տակ։ Այստեղ նրան դիմավորեց մուստանգերի սիրաբորբոք գիրկը։

Երջանիկ րոպեներն արագ են թռչում, և շուտով գալիս է անջատման ժամը։

― Վաղը գիշերով մենք էլի՞ կհանդիպենք, հոգյակս։

― Եթե միայն կարողանայի, ապա կասեի քեզ այո՛, և՛ վաղը, և՛ մյուս օրը, և՛ ամեն օր, ի՛մ աննման։

― Իսկ ինչո՞ւ չէ։ Ինչո՞ւ չես կարող ասել այդ։

― Վաղը լուսաբացին ես պետք է գնամ Ալամո։

― Մի՞թե։ Այդ անհրաժեշտությո՞ւն է քեզ համար։

Այս հարցը հնչեց ակամա կշտամբանքով։ Ամեն անգամ, երբ Լուիզան լսում էր Ալամոյի ափի մենավոր խրճիթի մասին, նրա մեջ ինչ-որ տհաճ զգացմունք էր արթնանում։ Ինչո՞ւ։ Նա ինքն էլ չգիտեր։ Նրան այնտեղ սրտաբաց էին ընդունել։ Թվում էր, թե այդ այցելությունը կարող էր նրա կյանքի ամենահաճելի հուշերից մեկը լինել։ Բայց այդպես չէր։

― Ինձ իսկապես հարկավոր է գնալ այնտեղ։

― Հարկավո՞ր է։ Քեզ սպասո՞ւմ են այնտեղ։

― Միայն իմ ծառա Ֆելիմը, ուրիշ ոչ ոք։ Հուսով եմ, որ նրան ոչինչ չի պատահել։ Ես նրան այնտեղ եմ ուղարկել մի տասն օր առաջ, դեռ հնդկացիների մասին այս լուրերը տարածվելուց առաջ։

― Միայն Ֆելի՞մը, ուրիշ ոչ ո՞ք։ Դու ճի՞շտ ես ասում, Մորիս։ Մի խաբիր ինձ, սիրելիս։ Միայն նա՞ է սպասում քեզ։

― Ինչո՞ւ ես այդպիսի հարց տալիս ինձ, Լուիզա։

― Չեմ կարող ասել, թե ինչու։ Ես ամոթից կմեռնեի, եթե խոստովանեի, թե երբեմն ինչ մտքեր են գալիս գլուխս։

― Մի՛ վախեցիր, ասա ինձ ամենը, ինչ մտածում ես։ Ես քեզանից ոչինչ թաքցնել չէի կարող։ Դե, ասա, իմ աննման։

― Դու ուզո՞ւմ ես, որ ասեմ, Մորիս։

― Իհարկե ուզում եմ։ Ես շատ լավ գիտեմ, որ կարող եմ փարատել քո բոլոր տարակուսանքները։ Պարզ է, որ եթե որևէ մեկն իմանա մեր այս հանդիպումները, կարող է վատ մտքով բացատրել։ Դրա համար էլ ես գնում եմ Ալամո։

― Որպեսզի այնտե՞ղ մնաս։

Ընդամենը մեկ կամ երկու օր։ Միայն նրա համար, որ հավաքեմ իմ իրերը և վերջին հրաժեշտը տամ իմ կյանքին՝ պրերիայում։

― Ինչպե՞ս թե։

― Դու, կարծես, զարմացա՞ծ ես դրանից։

― Ոչ։ Ես միայն տարակուսանքի մեջ եմ։ Չեմ կարողանում հասկանալ քեզ։ Եվ երևի երբեք այդ ինձ չի հաջողվի։

― Բայց չէ որ ամեն ինչ պարզ է։ Ես մի կարևոր որոշում եմ ընդունել և գիտեմ, որ դու կներես ինձ՝ այդ իմանալով։

― Կներեմ քե՞զ, Մորիս։ Ինչի՞ համար։

― Նրա համար, որ ես քեզ չեմ հայտնել իմ գաղտնիքը։ Ես այն մարդը չեմ, ինչ դու համարում ես ինձ․․․

― Բայց դու հենց այնպիսին ես, ինչպես ես գիտեմ քեզ ազնիվ մարդ ես, գեղեցիկ ու համարձակ, մնացածը ինձ համար նշանակություն չունի։ Օ՜, Մորիս, եթե իմանայիր, թե որքան թանկ ես դու ինձ համար, որքան եմ սիրում քեզ։

― Իմ աղավնյակ, ոչ ավելի, քան ես եմ սիրում քեզ, բայց ի սեր մեր երջանկության՝ պետք է համաձայնինք անջատման։

― Անջատմա՞ն։

― Այո, սիրելիս, մենք կանջատվենք կարճ ժամանակով։

― Որքա՞ն։

― Այնքան, որքան հարկավոր կլինի, որպեսզի շոգենավը կտրի Ատլանտյան օվկիանոսը գնալու և գալու համար։

― Դա մի ամբողջ հավիտենականություն է։ Իսկ ինչի՞ համար։

― Ես պետք է գնամ հայրենիք, Իռլանդիա, այն երկիրը, որն այստեղ արհամարհում են, ինչպես ինքդ էլ գիտես։ Ընդամենը մի քսան ժամ առաջ այնտեղից մի շատ կարևոր տեղեկություն եմ ստացել։ Ես շտապում եմ այնտեղ գնալ և հույս ունեմ, որ երբ վերադառնամ, քո հպարտ հորը կապացուցեմ, որ աղքատ մուստանգերը, որը նվաճել է իր դստեր սիրտը․․․ Բայց արդյոք նվաճե՞լ եմ այն, Լուիզա։

― Հարկավո՞ր է այդ հարցը տալ։ Ինքդ գիտես, որ նվաճել ես իմ խեղճ սիրտը, և այն երբեք չի ազատվի այդ գերությունից։ Մի՛ ծիծաղիր ինձ վրա, Մորիս․ ես հավիտենապես քո ստրուկն եմ։ Նորից գրկախառնություն, նորից սիրո երդումներ, քնքուշ համբույրներ։

Դադարեց ծղրիդների ճռճռոցը կանաչ խոտերի մեջ, լռեցին ճպուռները ծառերի տերևների մեջ, այլևս չէր լսվում ծաղրասարյակի ճիչը բարդենու բարձր կատարից, և այծակիթն ավելի բարձր թռավ լուսնկա երկնքում։ Կարծես բնության մեջ ամեն ինչ լռեց, որպեսզի չխանգարի սիրահարներին․․․

Բայց ո՛չ, դրա համար չէր, որ լռություն տիրեց․ ավազածածկ ճանապարհի վրա քայլերի ձայն լսվեց և, չնայած դրանք զգույշ քայլեր էին ու համարյա անձայն, և լսել կարող էր միայն շատ սուր լսողություն ունեցողը, բայց հենց դրա համար էլ լռեցին գիշերային ձայները։

Սիրահարները ոչինչ չէին լսում։ Նրանք չտեսան նաև այն մարդու, կամ գուցե և սատանայի, սև ստվերը, որ սահում էր ծաղիկների միջով, մերթ կանգ առնելով մի արձանի մոտ, մերթ թաքնվելով թփուտում, մինչև որ, վերջապես կանգ առավ մի ծառի ետև, մի տասը քայլ հեռու այնտեղից, որտեղ համբուրվում էին սիրահարները։ Այդ երջանիկ րոպեին, երբ շուրջն ամեն ինչ լռել էր, նրանք ամենևին չէին կասկածում, որ այդ լռությունն օգնում է լսել իրենց սիրո խոստովանությունները, իսկ դավաճան լուսինը մատնում է իրենց ամեն մի շարժումը։

Սև ստվերի պես ծառի ետևը թաքնված մարդը լսում էր նրանց ամեն մի խոսքը, նույնիսկ սիրո հառաչանքները և շշունջը։ Իսկ լուսնի արծաթափայլ լույսի տակ նա պարզ տեսնում էր նրանց ամենափոքր շարժումն անգամ։

Կարիք կա՞ ասելու, թե ով էր այդ գարշելի լրտեսը։ Ինքնին մարդու միտքն է գալիս Կասսի Կոլհաունի անունը։

Եվ այդ նա էր։

Գլուխ XXXIII․ Տանջալից հայտնություն

Ինչպե՞ս էր պատահել, որ Լուիզա Պոյնդեքստերի հորաքրոջ որդին արթուն էր եղել գիշերվա այդ ուշ ժամին կամ, ավելի ճիշտ՝ առավոտյան այդ վաղ ժամին։ Արդյոք նախազգուշացվա՞ծ էր նա այդ տեսակցության մասին, թե՞ պարզապես նրա մեջ ինչ-որ անբացատրելի կասկած էր ծագել, որը նրան ստիպել էր դուրս գալ ննջարանից և գնալ ստուգելու, թե ամեն ինչ կարգի՞ն է այգում։

Այլ խոսքով ասած՝ արդյոք նա պատահաբար տեսավ սիրահարներին, թե՞ գործում էր նախապես մտածված ծրագրով։

Իրավացին առաջինն է․ զուտ պատահականությունը կամ, ավելի ճիշտ, պատահականությունը լուսնկա գիշերվա հետ միասին պաշտոնաթող կապիտանին օգնեցին բացել մի գաղտնիք, որը հիմա նրա հոգին վառում էր դժոխային կրակով։

Կեսգիշերին ազոտեայում կանգնած, ուր նա բարձրացել էր ինքն էլ չիմանալով ինչու, և իր սիգարի ծխով ապականելով ցերեուսի բուրմունքով հագեցած օդը, Կասսի Կոլհաունն, ըստ երևույթին, ոչ մի բանով առանձնապես անհանգստացած չէր։ Մուստանգերի հասցրած վերքերն արդեն ապաքինվել էին։ Ճիշտ է, պարտության միտքը դեռ տանջում էր նրան, բայց այդ հիշողությունների դառնությունը որոշ չափով մեղմանում էր վրեժի հույսով, որի իրականացման համար արդեն առաջին քայլերն արված էին։

Կոլհաունն էլ Լուիզայի հոր պես շատ գոհ էր, որ նա հրաժարվել է ձիով հեռավոր զբոսանքներ կատարելուց։ Հենց իր խորհրդով էր, որ Պոյնդեքստերն իր դստերն արգելել էր միայնակ զբոսանքի գնալ։ Լուիզայի հոր պես նա էլ չէր կասկածում, թե ինչու էր Լուիզան այդպես տարվել նետաձգությամբ, և դա համարում էր նրա մի նոր զվարճալիքը։

Նա նույնիսկ սկսել էլ փայփայել այն հույսը, թե Լուիզայի անտարբերությունն իր նկատմամբ վերջ ի վերջո կարող է առերևույթ լինել կամ պարզապես իր երևակայության պտուղ։ Վերջին ժամանակներս Լուի-զան ավելի քիչ էր խիստ վարվում նրա հետ, և Կոլհաունը նույնիսկ սկսել էր կասկածել իր խանդոտ ենթադրություններին։

Մինչև այժմ նա ոչ մի ապացույց չուներ, որ Լուիզան հրապուրված է երիտասարդ իռլանդացիով։ Եվ քանի որ վերջին ժամանակներս այնպիսի մի բան չէր եղել, որը նոր կասկածներ հարուցեր, ապա նա մտածեց, թե դա սոսկ իզուր անհանգստություն է եղել։

Այս մտքերով հանգստացած՝ Կոլհաունը բարձրացավ ազոտեա։ Նա անփութորեն սիգարը վառեց և սկսեց ծխել բոլորովին անհոգ տեսքով, և այդ ոչ մի կասկած չէր թողնում, որ այս ուշ ժամին մարդն այստեղ է եկել առանց որևէ գործի։ Գուցե թե ցանկացել էր դուրս գալ իր շոգ սենյակից և մի քիչ թարմ օդ շնչել, կամ գուցե ցանկացել էր հրաշալի լուսինը դիտել, թեև այդպիսի ռոմանտիկ ցանկությունները նրա բնավորությունից չէին բխում։

Այսպես թե այնպես Կոլհաունը սիգարը վառեց, հենվեց ազոտեայի ճաղաշարին և այդպես կանգնած մնաց երեսը գետի կողմն արած։

Նա բոլորովին անտարբեր մնաց, երբ դիմացի ափին տեսավ մի ձիավոր, որը թփուտից դուրս գալով իր ճանապարհը շարունակեց բաց դաշտով։ Այդ ճանապարհը Կոլհաունին լավ ծանոթ էր։ Նա մտածեց, թե երևի ինչ-որ ճանապարհորդ ուզում է օգտվել զով գիշերից, իսկ այդպիսի գի-շերը նույնիսկ ամենահոգնած մարդուն կարող էր հրապուրել, որ հրաժարվի հանգստից։ Դա կարող էր հարևան ագարակատերերից որևէ մեկը լինել, որը տուն էր գնում ավանից, որտեղ մի քիչ ավելի էր մնացել, որովհետև մտել էր գինետուն։

Եթե ցերեկ լիներ, գուցե և նա ճանաչեր ձիավորին, բայց լուսնի լույսով կարողացավ միայն նկատել, որ դա ձի նստած մարդ է։

Պաշտոնաթող կապիտանը մեքենայաբար հայացքով հետևում էր ձիավորին, ինչպես երբեմն մարդ մի ուրիշ բանի մասին մտածելով նայում է ջրի երեսին լող տվող տաշեղի ընթացքին։

Միայն երբ ձիավորը շուռ եկավ դեպի անտառակ, Կոլհաունը հետաքրքրվեց նրանով։

― Այս ի՞նչ կարող է նշանակել,― մրմնջաց նա արագ նետելով սիգարի մնացորդը։― Գրողը տանի, նա ձիուց իջավ,― շարունակեց կապիտանը, երբ անծանոթն արդեն առանց ձիու երևաց անտառակի եզրին։― Այս կողմն է գալիս, ուղիղ դեպի ոլորանը․․․ իջնում է դարափուլով և այնպես արագ, որ, երևում է, լավ գիտե ճանապարհը։ Չլինի ուզում է այգին մտնել։ Բայց ինչպե՞ս․․․ Լողալո՞վ։ Չլինի՞ թե գող է։

Սա առաջին միտքն էր, որ Կոլհաունի գլխում ծագեց, բայց և նա իսկույն հրաժարվեց այդ մտքից։ Ճիշտ է, իսպանա-ամերիկյան երկրներում նույնիսկ մուրացկանները ձիով են ման գալիս, ուրեմն առավել ևս այդ կարող էր գողն անել։ Բայց և այնպես քիչ էր հավանական թվում, թե մարդ կարող է կեսգիշերին ձիով այստեղ գալ միրգ կամ բանջարեղեն գողանալու։ «Բայց ի՞նչ է հարկավոր նրան այստեղ»։

Այն, որ մարդը ձին թողել էր անտառակում և ինքը ոտքով մոտենում էր գետին, այն էլ շատ զգուշորեն, որքան կարելի էր տեսնել լուսնի անհաստատ լույսով, արդեն իսկ ստիպում էր կասկածել, թե նա ազնիվ մտադրություն ունի, և ավելի շուտ ցույց էր տալիս նրա չար մտադրությունը։

Բայց ի՞նչ մտադրություն էր դա։

Մարդն անհետացավ դարափուլի տակ, և Կոլհաունն այլևս չէր կարող ազոտեայից տեսնել նրան։ Գետի աջ ափը եզերող մացառուտը ծածկում էր անծանոթին։

«Ի՞նչ նպատակով է այնտեղ թափառում նա»։

Պաշտոնաթող կապիտանն արդեն տասներորդ անգամ էր այս հարցը տալիս ինքն իրեն, ավելի ու ավելի անհանգստանալով, երբ հանկարծ լսեց մի ճղպոց, ասես մեկը սուզվեց ջրի մեջ։ Ձայնը բարձր չէր, բայց պարզ լսվեց։

― Թիակների ճղպոց է․․․― մրմնջաց Կոլհաունը։― Երդվում եմ բոլոր սրբերով, նա մակույկը քաշեց մյուս ափը և նրանով անցնում է ուղիղ մեր այգին։ Վերջապես ի՞նչ է հարկավոր նրան այստեղ։

Չցանկանալով այլևս մնալ կտուրին և գլուխ կոտրել ենթադրու-թյուններ անելով՝ Կոլհաունը որոշեց կամացուկ իջնել ցած, տղամարդկանց արթնացնել, որպեսզի բոլորը միասին գնան անծանոթին շրջապատելու։

Նա արդեն ձեռքը վերցրել էր ճաղաշարի վրայից և ուզում էր գնալ, երբ ականջին հասավ մի նոր ձայն, որը նրան ստիպեց նորից կռանալ և այգուն նայել։ Այս ձայնը ամենևին նման չէր թիակների ճղպոցի և գետի կողմից չէր գալիս։ Լսվեց բացվող դռան կամ լուսամուտի ճռինչ, որ գալիս էր ցածից, համարյա հենց այն տեղի տակից, որտեղ Կոլհաունն էր կանգնած։ Երբ կապիտանը ճաղաշարի վրայով կռացավ, որ իմանա ինչ ձայն էր դա, նրա դեմքը գունատվեց իրեն լուսավորող լուսնի պես, և սիրտը ճմլվեց ցավագին։

Բացվել էր Լուիզայի լուսամուտը։ Կոլհաունը լավ գիտեր այդ լուսամուտը, իսկ աղջիկն արդեն կանգնած էր այգին տանող սանդուղքի աստիճանի վրա և, ըստ երևույթին, ուզում էր ցած իջնել․․․

Ծալ-ծալ իջնող սպիտակ, երկար հագուստը հագին և փոքրիկ գլխաշորը գլխին կապած՝ նա ասես մի չքնաղ հավերժահարս լիներ, որի վրա լուսինն արծաթե շողեր էր թափել։

Կոլհաունն իսկույն հասկացավ, որ նրա երևալը կապված է այն մարդու հետ, որը գետն անցավ այս կողմը։

Իսկ ո՞վ կարող է լինել այդ մարդը։ Էլ ո՞վ պիտի լինի, եթե ոչ Մորիս մուստանգերը։ Գաղտնի տեսակցություն։ Սա կասկածից դուրս էր․ սպիտակ հագուստն անաղմուկ անցավ այգու միջով և անհետացավ գետափի ծառերի ստվերում։

Կոլհաունն ասես շանթահար եղած՝ կանգնել էր ազոտեայում քար կտրած։ Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ սպիտակ հագուստն անհետացավ այգում, ու ծառերի ետևից շշուկով խոսակցություն լսվեց, և որոշեց գործի անցնել։

Նա այլևս միտք չուներ որևէ մեկին արթնացնել, համենայնդեպս ոչ հիմա։ Ինքն առաջինը պետք է վկա դառնա Լուիզայի խայտառակությանը, և այն ժամանակ․․․ այն ժամանակ․․․

Այդ րոպեին նա ի վիճակի չէր որևէ որոշակի ծրագիր կազմելու և, կուրորեն հետևելով իր նողկալի մղումին, շտապ ցած իջավ ազոտեայից, անցավ ամբողջ տան միջով և դուրս եկավ այգի։

Նրան համակել էր մի անսպասելի թուլություն և նույնիսկ ոտքերը ծալվում էին, երբ իջնում էր քարե սանդուղքով։ Նրա ոտքերը դողում էին նաև այն ժամանակ, երբ շտապ անցնում էր այգու ծառուղիներով և, երբ գաղտագողի թաքնվելով ծառի բնի ետևը, դիտում էր մի տեսարան, որը բզկտում էր նրա սիրտը։

Նա լսեց նրանց երդումները, սիրո խոստովանությունները, մուստանգերի որոշումը, որ լուսաբացին պիտի գնա, նրա խոստումը, որ շուտով կվերադառնա և լրիվ չարտահայտած երազանքը ապագայի մասին։ Նա դառնությամբ լսեց, թե ինչպես Լուիզան փորձում էր մուստանգերին համոզել չգնալ, և թե ինչպես, վերջապես, Մորիսը համոզեց նրան, որ այդ մեկնումն անհրաժեշտություն է։

Նա վկա եղավ նրանց վերջին քնքշագին գրկախառնությանը, որը և նրան ստիպեց զայրույթով ոտքը գետնին խփել, որից և ծղրիդները վախեցած լռեցին։

Ինչո՞ւ այդ րոպեին նա առաջ չնետվեց և վերջ չտվեց իր համար տանջալից այդ տեսակցությանը, ինչո՞ւ դանակը չխրեց իր ախոյանի սիրտը և նրան անշնչացած չտապալեց իր ոտքերի և նրա սիրած աղջկա ոտքերի տակ։ Ինչո՞ւ նա այդ բանը չարեց հենց սկզբից։ Մի՞թե էլի որևէ ապացույց էր հարկավոր նրան։ Գուցե դրա պատճառն ա՞յն էր, որ լուսնի լույսով նա նկատեց, թե ինչպես է շողշողում մուստանգերի գոտին խրած վեցկրականի Կոլտ ատրճանակը։ Այսպես թե այնպես, չնայած վրեժ լուծելու այրող ցանկությանը, ինչ-որ մի բան ոչ միայն կապիտանին ետ պահեց վրիժառությունից, այլև ստիպեց հեռանալ իր համար ամենատանջալից րոպեին նրանց վերջին գրկախառնության պահին։ Նա նետվեց դեպի տուն, սիրահարներին անտեղյակ թողնելով, որ իրենց հետևել ու տեսել են։

Գլուխ XXXIV․ «Ասպետական» մղումներ

Բայց ո՞ւր գնաց Կասսի Կոլհաունը։

Իհարկե, ո՛չ իր ննջարանը։ Այդպիսի տանջանքներ ապրող մարդը մի՞թե կարող էր քնել։ Նա շտապեց իր քեռորդու Հենրի Պոյնդեքստերի սենյակը։

Նույնիսկ մոմ վերցնելու համար ժամանակ չկորցնելով՝ նա արագ քայլերով գնում էր ոլորապտույտ միջանցքներով։

Ասենք՝ մոմ հարկավոր էլ չէր։

Խլափեղկերը ծածկված չէին, և լուսնի շողերը լուսամուտներից ներս թափանցելով բավական լավ լուսավորում էին սենյակը։

Կարելի էր նկատել նրա համեստ կահավորությունը՝ մի լվացարան, մի փոքրիկ սեղան, մի քանի աթոռ և մի մահճակալ մոծակներից պաշտպանվելու համար վրան շղարշե վարագույր քաշած։

Պատանին քնած էր այն անհոգ քնով, որ վայելում են միայն մաքուր խղճով մարդիկ։ Նրա գեղեցիկ գլուխը հանգիստ դրված էր բարձին, որի վրա թափվել էին նրա թավ, փայլուն գանգուրները։ Կոլհաունը շղարշը բարձրացրեց, և լուսնի շողն ընկնելով պատանու երեսին՝ լուսավորեց նրա առնական, ազնիվ դիմագծերը։ Որքա՜ն նման չէր այդ դեմքը իր վրա կռացած մարդու դեմքին, որը նույնպես գեղեցիկ էր, բայց իր վրա ստոր կրքերի կնիքն էր կրում։

― Արթնացի՛ր, Հե՛նրի, վեր կաց,― ասաց Կոլհաունը ուժեղ ցնցելով նրա ուսերը։

― Օ՜-ա՜․․․Դո՞ւ ես, Կա՛շ, ի՞նչ կա։ Հուսով եմ հնդկացիներ չեն երևացել։

Ավելի վատ, շատ ավելի վատ բան։ Շուտ, վեր կաց և տես։ Շտապիր, թե չէ ուշ կլինի։ Վեր կաց և ինքդ տես քո ընտանիքի խայտառակությունը։ Դե շուտ արա, թե չէ Պոյնդեքստերների անունն ամբողջ Տեխասում ծաղրի առարկա կդառնա։

Այսպիսի նախազգուշացումից հետո, իհարկե, Պոյնդեքստերի ընտանիքի անդամներից ոչ մեկը քնել չէր կամենա։ Պատանին իսկույն ոտքի թռավ և տարակուսանքով նայեց Կոլհաունին։

― Էլ հագնվելու վրա ժամանակ մի՛ կորցնի,― ասաց հուզված կապիտանը։― Ասենք՝ շալվարդ հագիր և բավական է։ Գրողը տանի, հիմա շոր հագնվելու ժամանակ չէ։ Շո՛ւտ արա, շո՛ւտ։

Մի վայրկյան անց՝ Հենրին արդեն հագել էր իր պարզ հագուստը՝ բամբակյա կտորից կարված շալվարն ու բլուզը, և արդեն Կոլհաունի ետևից շտապում էր այգի, դեռևս չհասկանալով, թե նա ինչու իրեն արթնացրեց այսպես անժամանակ։

― Ի՞նչ է պատահել, Կասսի,― հարցրեց նա, երբ Կոլհաունը նշաններով հասկացրեց, թե հարկավոր է կանգ առնել։― Ասա ինձ, ի՞նչ է նշանակում այս ամենը։

― Ինքդ տես։ Մոտեցիր ինձ։ Նայիր այս ծառերի արանքով այն ուղղությամբ, որտեղ միշտ կանգնած է լինում քո մակույկը։ Որևէ բան տեսնո՞ւմ ես։

― Ինչ-որ սպիտակ բան․․․ Կարծես կնոջ հագուստ լինի․․․ Կի՞ն է։

― Դու իրավացի ես, կին է։ Բայց ո՞վ է նա, ի՞նչ ես կարծում։

― Չգիտեմ։ Իսկ դու գիտե՞ս, Կասսի, ո՞վ է նա։

― Նրա կողքին էլ մի ուրիշը կա, սև հագուստով։

― Դա կարծես տղամարդ է․․․ Այո, տղամարդ է։

― Իսկ ո՞վ է նա, ի՞նչ ես կարծում։

― Ես ի՞նչ իմանամ։ Կա՛շ։ Իսկ դու գիտե՞ս։

― Այո, գիտեմ։ Այդ տղամարդը Մորիս մուստանգերն է։

― Իսկ կի՞նը։

― Լուիզան է, քn քույրը՝ նրա գրկի մեջ։

Ասես սրտից վերք ստանալով՝ պատանին երերաց, ապա առաջ նետվեց։

― Կա՛ց,― ասաց Կոլհաունը բռնելով նրան։― Մոռանում ես, որ անզեն ես, իսկ մուստանգերը զինված է։ Վերցրու, ահա, այս և այս,― շարունակեց նա, պատանուն հանձնելով իր դանակն ու ատրճանակը։― Ես ուզում էի ինքս գործի դնել սրանք, բայց մտածեցի, որ ավելի լավ է դու անես որպես եղբայր և քո քրոջ պաշտպան։ Հառա՛ջ, Հե՛նրի։ Միայն թե, տե՛ս, քրոջդ չխփես։ Մոտեցիր գաղտագողի, և հենց որ նրանք անջատվեն, կրակիր նրա փորին։ Իսկ եթե վեց գնդակները նրան վերջ չտվին, գործի դիր դանակը։ Ես մոտիկ կանգնած կլինեմ, և եթե կարիք լինի, քեզ օգնության կհասնեմ։ Դե՛, առա՛ջ, գաղտագողի մոտեցիր այդ սրիկային և դժոխքն ուղարկիր նրան։

Հենրի Պոյնդեքստերն այդ ստոր խրատների կարիքը չուներ։ Ամեն ինչ մոռանալով նա առաջ նետվեց և, մի քանի վայրկյան անց, արդեն նրանց մոտ էր։

― Ստո՛ր սրիկա,― գոչեց նա կանգնելով մուստանգերի առաջ։― Բաց թող իմ քրոջը քո այդ կեղտոտ գրկից․․․ Լուիզա, մի կողմ քաշվիր, որ ես սպանեմ դրան։ Հեռացի՛ր, քույրս, հեռացի՛ր։

Եթե Լուիզան նրան լսեր, երևի մի վայրկյան անց Մորիս Ջերալդն այլևս կենդանի չէր լինի։ Նա մահից փրկվել կարող էր միայն այն դեպքում, եթե իր ձեռքը բարձրանար Հենրիի վրա․ քանի որ մուստանգերը շատ լավ էր տիրապետում իր ատրճանակին, կկարողանար առաջինը կրակել և իրեն փրկել։

Բայց ատրճանակը պատյանից հանելու կամ պաշտպանվելու որևէ փորձ անելու փոխարեն Մորիս մուստանգերը փորձեց ազատվել աղջկա գրկից, որը դեռ շարունակում էր կանգնած մնալ իրեն հպված, և մուս-տանգերը նրա համար էր վախենում։

Հենրին հասկանում էր, որ եթե կրակի մուստանգերի վրա, գնդակը կարող է իր քրոջը դիպչել և սպանել նրան, և դրանից էլ վախենալով՝ ձգանը չէր քաշում։

Այս հապաղումն էլ նրանց երեքին էլ փրկեց։ Դեռատի կրեոլուհին դրությունն արագ գնահատելով՝ հանկարծ սիրած տղային բաց թողնելով բռնեց եղբոր ձեռքը։ Նա գիտեր, որ Մորիսը չի կրակի, հարկավոր էր միայն եղբորը զսպել։

― Փախի՛ր, փախի՛ր,― դարձավ նա մուստանգերին՝ ջանալով զսպել իր զայրացած եղբորը։― Հենրին մոլորության մեջ է, ես ամեն ինչ կբացատրեմ նրան։ Դե շո՛ւտ, Մորի՛ս, շո՛ւտ, փրկի՛ր քեզ։

― Հենրի Պոյնդեքստեր,― ասաց երիտասարդ իռլանդացին, որ արդեն պատրաստ էր հնազանդվելու աղջկան,― դուք իզուր եք ինձ սրիկա կոչում։ Ժամանակ տվեք ինձ, և ես կապացուցեմ, որ ձեր քույրը ավելի, ճիշտ է հասկացել ինձ, քան իր հայրը, եղբայրը և ազգականը։ Եթե վեց ամսից հետո դուք չհամոզվեք, որ ես արժանի եմ նրա վստահությանն ու սիրույն, առաջին իսկ հանդիպմանը կարող եք բոլորի աչքի առաջ սպանել ինձ ինչպես մի վախկոտ շնագայլի։ Իսկ առայժմ մնաք բարով։

Լսելով մուստանգերի խոսքը՝ Հենրին աստիճանաբար թուլացրեց քրոջ ձեռքերից դուրս պրծնելու փորձերը և վերջապես բոլորովին դադարեցրեց դրանք, երբ գետից լսվեց ջրի ճղպոց, որն ազդարարում էր, թե Կասա դել Կորվոյի հանգիստը խռովող մարդը վերադառնում է վայրի պրերիան, որը դարձել էր նրա երկրորդ հայրենիքը։

Առաջին անգամն էր, որ մուստանգերը տեսակցությունից վերադառնում էր այդ եղանակով։ Նախորդ երկու հանդիպումներին նա գետն անցել էր մակույկով, և հետո կանացի քնքուշ ձեռքը այն փոքրիկ լասսոյի օգնությամբ, որ իրեն էր ընծայվել մուստանգի հետ միասին, փոքրիկ մակույկը ետ էր քաշել ու կանգնեցրել իր մշտական տեղը։

― Եղբայր իմ, դու իրավացի չես նրա նկատմամբ։ Հավատացնում եմ քեզ իրավացի չես,― գոչեց Լուիզան, հենց որ մուստանգերը տեսադաշտից անհետացավ։― Օ՜, Հենրի, սիրելիս, եթե դու իմանայիր, թե որքան ազնիվ մարդ է նա․․․ նա երբեք մտքովն էլ չի անցկացրել վիրավորել ինձ։ Ա՛յ, հենց հիմա պատմում էր, թե ինչ է ուզում անել, որպեսզի բամբասանքները կանխի, ուզում եմ ասել որպեսզի ինձ երջանկացնի։ Հավատա ինձ, եղբայրս, նա ջենտլմեն է։ Բայց միևնույն է, ինչ էլ լինի, թեկուզ ամենահասարակ մարդը, ինչպես դու ես Համարում նրան, միևնույն է, ես չեմ կարող չսիրել նրան։

― Լուիզա, ասա ինձ ճշմարիտը։ Խոսիր այնպես, ինչպես ինքդ քեզ հետ խոսելիս լինես։ Քո խոսքերից ավելի ես իմ տեսածից հասկացա, որ դու սիրում ես նրան։ Բայց ասա ինձ, նա չի՞ չարաշահել քո դյուրահավատ սերը։

― Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Երդվում եմ, Հենրի։ Նա շատ ազնիվ մարդ է։ Ինչո՞ւ դու այսպես անտեղի վիրավորեցիր նրան։

― Ես նրան վիրավորեցի՞։

― Այո, Հենրի, վիրավորեցիր կոպտաբար և անարդարացի։

― Ես պատրաստ եմ ներողություն խնդրելու նրանից։ Ես կհասնեմ նրա ետևից և ներողություն կխնդրեմ իմ անզսպության համար։ Եթե դու ճիշտ ես ասում, քույր իմ, ես պետք է անեմ այդ։ Ես իսկույն կհասնեմ նրա ետևից։ Դու հո գիտես, որ առաջին իսկ հանդիպմանը նա ինձ դուր եկավ։ Իսկ հիմա, սիրելի Լուիզա, ես քեզ տուն կտանեմ։ Գնա քո սենյակը և պառկիր։ Իսկ ես անհապաղ կգնամ հյուրանոց և գուցե հենց այնտեղ էլ կգտնեմ նրան։ Ես դադար չեմ ունենա, մինչև ներողություն չխնդրեմ նրանից իմ կոպտության համար։

Տուն վերադառնալիս Հենրին հոգատարությամբ բռնել էր քրոջ թևը։ Նրա բարկության հետքն էլ չէր մնացել, և նա ցավում էր իր արարքի համար։ Պատանին շտապում էր Հասիենդա վերադառնալ, հուսալով, որ կգնա կհասնի մուստանգերին և ներողություն կխնդրի նրանից, որ տաքացել էր և անտեղի վիրավորել նրան։

Երբ քույր ու եղբայր տուն մտան, երրորդ մարդը, որ մինչև այդ գաղտագողի թփերի միջով հետևում էր նրանց, ուղղվեց և քարի սանդուղքով գնաց նրանց ետևից։ Դա նրանց ազգական Կասսի Կոլհաունն էր։

Նա ևս մտածել էր գնալ մուստանգերի ետևից։

Գլուխ XXXV․ Անհյուրընկալ տանտերը

«Ողորմելի վախկոտ։ Հիմար։ Ես ինքս էլ հիմար եմ, որ նրա վրա հույս էի դրել։ Ես պետք է նախատեսած լինեի, որ Լուիզան կկարողանա համոզել այդ լակոտին և փախչելու հնարավորություն տալ այն սրիկային։ Ես ինքս էլ կարող էի ծառի ետևից կրակել նրա վրա, շան պես սատկեցնել, վտանգի չենթարկելով ոչ մի բան, նույնիսկ իմ անունը։ Քեռի Վուդլին միայն շնորհակալություն կհայտներ դրա համար, և բոլորը կարդարացնեին իմ արարքը։ Իմ քեռու դստերը, նշանավոր ընտանիքի աղջկան, խաբել է մի ինչ-որ թափառաշրջիկ ձիավաճառ։ Ո՞վ կմեղադրեր ինձ։ Եվ ի՜նչ հարմար առիթ էր, գրողը տանի։ Եվ ինչպես փախցրի ես։ Իսկ հիմա հայտ-նի չէ, թե էլ երբ այսպիսի հարմար առիթ կլինի»։

Այսպես էր մտորում պաշտոնաթող կապիտանը մի որոշ հեռավորության վրա հետևելով Լուիզային ու Հենրիին, որոնք գնում էին տուն։

― Մի՞թե, իսկապես, այս դեղնակտուցը ճիշտ էր ասում,― մրմնջում էր նա ինքն իրեն բակը մտնելով։― Մի՞թե նա իսկապես ուզում է ներողություն խնդրել այն մարդուց, որը խաբել է իր քրոջը։ Դա շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր բան չլիներ։ Ախոռում լսվող աղմուկից երևում է, որ նա իսկապես ուզում է գնալ ներողություն խնդրելու․․․ Այդպես էլ կա․ նա իր ձին է թամբում։

Ախոռի դուռը, ինչպես ընդունված է մեքսիկական կալվածքներում, բացվում էր դեպի սալահատակված բակը։ Այդ դուռը կիսաբաց էր, բայց հենց այն պահին, երբ Կոլհաունը նայեց նրան, մեկը ներսից հրեց և լայն բաց արեց։ Շեմքում երևաց մի մարդ, որը իր ետևից քաշելով դուրս էր բերում մի թամբած ձի։

Այդ մարդը գլխին պանամա ուներ, ուսերին` թիկնոց։ Կոլհաունն իսկույն ճանաչեց իր քեռու որդուն և նրա սևաթույր ձին։

― Տխմա՛ր։ Ուրեմն դու ձեռքից բաց թողիր նրան,― չարությամբ մրթմրթաց կապիտանը, երբ պատանին մոտեցավ նրան։― Վերադարձրու ինձ ատրճանակն ու դաշույնը։ Այդ խաղալիքները քո քնքուշ ձեռքերի համար չեն։ Ինչո՞ւ դու գործի չդրիր դրանք, ինչպես ասել էի քեզ։ Ինչո՞ւ այդպիսի հիմարություն արիր։

― Այո, ես, իսկապես, հիմարություն արի,― հանգիստ պատասխանեց երիտասարդ ագարակատերը։― Գիտեմ այդ։ Ես կոպիտ կերպով և անարդարացի վիրավորանք հասցրի կարգին մարդուն։

― «Վիրավորա՜նք հասցրի կարգին մարդուն»։ Հա՛-հա՛-հա՛։ Դու խելագարվել ես։

― Ես իսկապես խելագար կլինեի, եթե հետևեի քո խորհրդին, Կասսի։ Բարեբախտաբար այդքան հեռու չգնացի։ Բայց և այնպես այնքան հիմարություններ արի, որ միանգամայն արժանի եմ հիմար կոչվելու։ Բայց հույս ունեմ, նա կհասկանա, որ բորբոքված եմ եղել, և կների ինձ։ Համենայնդեպս հիմա գնում եմ առանց մի րոպե կորցնելու։

― Ո՞ւր ես գնում։

― Մորիս մուստանգերի ետևից հասնելու, որպեսզի նրանից ներողություն խնդրեմ իմ անվայել վարմունքի համար։

― «Անվայել վարմո՜ւնք»։ Հա՛-հա՛-հա՛։ Դու, իհարկե, կատա՞կ ես անում։

― Ո՛չ։ Ես բոլորովին լուրջ եմ խոսում։ Գնանք միասին, և ինքդ կտեսնես։

― Այդ դեպքում ես նորից կասեմ, որ դու իսկապես խելագար ես։ Եվ ոչ միայն խելագար, այլև կատարյալ ապուշ։

― Դու այնքան էլ քաղաքավարի մարդ չես, Կասսի, թեև այն ամենից հետո, ինչ ես արել եմ, ներում եմ քեզ քո կոպտությունը։ Գուցե երբևիցե դու ինքդ էլ կհետևես իմ օրինակին և ներողություն կխնդրես քո կոպտության համար։

Այս ասելով ազնիվ պատանին նետվեց իր ձիու վրա և արագ դուրս քշեց հասիենդայի դարբասից։

Կոլհաունը լուռ կանգնած մնաց, մինչև որ հեռացող ձիու սմբակների դոփյունը լռեց հեռվում։ Հետո, ասես ուշքի գալով, նա վճռական քայլերով գնաց դեպի իր սենյակը։ Շուտով նա նորից դուրս եկավ մի հին թիկնոց ուսերին, գնաց ախոռ և թամբեց իր ձին։ Սալահատակած բակի միջով նա ձին քաշեց զգուշությամբ, գողի նման։ Միայն հասիենդայի դարբասից դուրս, որտեղ փա-փուկ խոտն էր սկսվում, նա նետվեց թամբի վրա և ձիուն ասպանդակեց։

Մեկ-երկու մղոնի չափ նա գնում էր նույն ճանապարհով, որով Հենրի Պոյնդեքստերն էր գնացել, բայց պարզ երևում էր, որ նրա ետևից հասնելու միտք չունի․ Հենրիի ձիու սմբակների դոփյունը վաղուց արդեն չէր լսվում․ իսկ Կոլհաունը գնում էր դանդաղ վարգով։

Պաշտոնաթող կապիտանը գնում էր գետի հոսանքն ի վեր։ Ամրոցի կես ճանապարհին նա ձին կանգնեցրեց, մի ուշադիր հայացք գցեց թփուտի վրա և կտրուկ շուռ եկավ գետափ տանող կածանով։

― Դեռ ամեն ինչ կորած չէ, միայն թե հիմա դա ավելի թանկ կնստի,― մրմնջում էր նա ինքն իրեն։― Սա ինձ վրա հազար դոլար կնստի։ Բայց ոչինչ։ Հարկավոր է, վերջապես, ազատվել այդ նզովյալ իռլանդացուց, որը թունավորում է իմ կյանքը։ Իր ասելով վաղ առավոտյան նա իր խրճիթի ճանապարհին է լինելու։ Հետաքրքիր է, ժամը քանիսի՞ն։ Պրերիայի բնակիչների համար լուսաբացին վեր կենալը կարծեմ ուշ է համարվում։ Ոչինչ, մենք դեռ ժամանակ ունենք։ Կոյոտը կարող է Մորիսի առաջն ընկնել։ Սա կարծես այն ճանապարհն է, որով մենք վայրի ձիերի որսի էինք գնում։ Նա խոսում էր Ալամոյի իր խրճիթի մասին։ Այդպես է կոչվում այն գետակը, որի ափին մենք խնջույք էինք սարքել։ Նրա խրճիթը երևի այնտեղից հեռու չէ։ Էլ Կոյոտը երևի գիտե, թե որտեղ է այն։ Համենայնդեպս կիմանա, թե ինչպես պիտի այնտեղ գնալ։ Այդքանն էլ մեզ բավական է։ Խրճիթը մեր ինչին է պետք։ Նրա տերը պարզապես տուն չի հասնի։ Չէ՞ որ ճանապարհին նրան կարող են հնդկացիներ պատահել և նույնիսկ անպայման կպատահեն։

Այդ րոպեին պաշտոնաթող կապիտանը մոտեցավ մի խրճիթի, բայց դա այն խրճիթը չէր, որի մասին մտածում էր, այլ մեքսիկացի մուստանգերի հյուղն էր, և հենց այդտեղ էլ գնում էր նա։ Ձիուց ցած ցատկելով և սանձը մի ծառի ճյուղից կապելով՝ նա մոտե-ցավ դռանը։ Դուռը կրնկի վրա բաց էր։ Ներսից մի ձայն էր լսվում, և դժվար չէր հասկանալ, որ դա խռմփոց է։

Բայց դա հանգիստ, խոր քուն մտած մարդու խռմփոց չէր Այն մերթ լռում էր, մերթ փոխվում մի ինչ-որ խռխռոցի, մերթ դառնում խառնակ բացականչություններ, որոնց մեջ դժվարությամբ կարելի էր տարբերել հայհոյական խոսքեր։ Կասկած չէր մնում, որ խրճիթի տերը կարգին խմած էր։

― Դժոխքի՛ ուժե՜ր։ Գրող ու ցա՛վ,― մրթմրթում էր քնած մարդը և իս-կույն էլ սկսում կոչել կաթոլիկական բոլոր սրբություններին․ Հիսուս Քրիստո՜ս, Սուրբ Կույս Աստվածածի՜ն։ Կոլհաունը շեմքում կանգ առավ ու ականջ դրեց։

― Նը-զո-ո-ո՜վք,― լսեց նա։― Լավ նորություններ են, երդվում եմ Քրիստոսի արյունով։ Այո՛, սինյոր ամերկանո, սքանչելի նորություն։ Հնդկացինե՜ր․․․ Այդ․․․ Կոմանչները ռազմի ճամփին։ Աստված օրհնի կոմանչներին։

― Այս անասունը հարբած է խելքը թռցնելու չափ,― բարձրաձայն ասաց Կոլհաունը։

― Է՛յ սինյո՛ր,― գոռաց մեքսիկացին մարդկային ձայնից կիսով չափ ուշքի գալով։― Այդ ո՞ւմ եք այդպես պատիվ անում։ Չէ՛, նա չի։ Ես երջանիկ եմ ձեզ տեսնելու, ես, Միգուել Դիազս, էլ Կոյոտս, ինչպես անվանում են ինձ շրջմոլիկները։ Հա՛-հա՛-հա՛։ Կոյո՛տ։ Փա՛հ։ Իսկ ի՞նչ է ձեր անունը։ Ձեր անո՞ւնը, սինյոր։ Գրող ու ցա՛վ, ո՞վ եք դուք։

Իր եղեգնյա մահճի վրա փոքր-ինչ բարձրանալով՝ Էլ Կոյոտը մի պահ նստած մնաց, բութ հայացքով նայելով անսպասելի հյուրին, որն ընդհատել էր նրա հարբած երազները։

Բայց դա երկար չտևեց։ Ինչ-որ անհասկանալի բաներ մրթմրթալով մեքսիկացին նորից ձգվեց իր մահճում։ Բարձր, ընդհատուն խռխռոցը հասկացրեց, որ տանտերն այլևս չի գիտակցում իր հյուրի ներկայությունը։

― Ահա, ուրեմն, էլի մի հնարավորություն կորավ,― հիասթափված շշնջաց Կոլհաունը, շուռ գալով, որ գնա։― Մեկն ուշքը գլխին, բայց հիմար, մյուսը հարբած սրիկա, բա՜ն չունեմ ասելու, լավ օգնականներ են իմ ծրագիրն իրականացնելու համար։ Նզո՛վք։ Ամբողջ գիշերն իմ գործը ձախ է գնում։ Առնվազն երեք ժամ կանցնի, մինչև այս խոզը քունը կառնի։ Ամբողջ երեք ժամ։ Եվ այն ժամանակ արդեն շատ ուշ կլինի, շատ ուշ․․․

Այս ասելով Կոլհաունը բռնեց իր ձիու սանձը և կանգ առավ մտա-մոլոր, ասես չիմանալով ինչ անի։

― Այստեղ մնալը ոչ մի իմաստ չունի։ Մինչև սա ուշքի կգա, լույսն արդեն կբացվի։ Նույնպիսի հաջողությամբ ես կարող եմ տուն վերադառնալ ու սպասել այնտեղ, կամ թե․․․

Նա բարձրաձայն չարտահայտեց իր գլխում ծագած նոր միտքը։ Բայց ինչպիսին էլ լիներ այդ միտքը, նրա տատանումները վերջացան։

Մի կտրուկ շարժումով սանձը ճյուղից պոկելով Կոլհաունը թամբի վրա ցատկեց և սլացավ Էլ Կոյոտի խրճիթը եկած իր ճանապարհի հակառակ ուղղությամբ։

Գլուխ XXXVI․ Երեք հոգի մեկ ճանապարհով

Ոչ ոք չի փորձի ժխտել, որ պրերիայում ձիով ճանապարհորդելը աշխարհում ամենամեծ բավականություններից մեկն է։

Եթե ձեր ձին լավն է, ետևի կողմում թամբին կապված է ուտելեղենով լիքը մի պարկ, թամբի աղեղից կախված են լիքը լցված ջրամանը և ծխախոտի տուփը, կարող եք վստահ լինել, որ այդպիսի ճանապարհորդությունը ձեզ չի ձանձրացնի։

Իսկ ձեզ հետ միասին կողք կողքի արշավող ձեր բարեկամը, եթե նա էլ ձեզ նման սիրում է բնությունը, այդ դժվարին ճանապարհորդությունը անմոռանալի բավականություն կդարձնի։ Բայց եթե ձեզ հետ լինի նա, ում ձեր սիրտն եք տվել, դուք այնպիսի մի բերկրանք կապրեք, որը չեք մոռանա ձեր ամբողջ կյանքում։

Օ՜, եթե այդպիսի հաճելի ընկերություն բաժին ընկնի պրերիայի բոլոր ճանապարհորդներին, ապա արևմտյան Տեխասի լայնարձակ տարածությունները կհեղեղվեին տուրիստներով։ Վիթխարի վայրի հարթությունը կծածկվեր անթիվանհամար շավիղներով, իսկ սավաննայում կվխտային մեծամիտ պճնամոլները։

Բայց ավելի լավ է ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Երբ դուք ուղղվում եք դեպի, պրերիա, բավական է, որ դուրս գաք ավանի սահմաններից և մեծ ճանապարհից թեքվեք մի կողմի վրա, որտեղով ձեզնից առաջ հինգ-վեց ձիավոր են անցել, դուք արդեն ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով, գուցե և ամբողջ տարին կքշեք ձին և ոչ մի մարդու չեք հանդիպի։

Նա, ով ճանապարհորդել է Տեխասի անծայրածիր հարթությունով, միայն նա կարող է իսկապես ըմբռնել պրերիայի լայնարձակությունը։ Նայելով նրանց՝ մարդ համակվում է մի զգացմունքով, որ նման է անսահ-մանությունը զգալու զգացմունքին։

Երևի ծովային ճանապարհորդն ավելի լավ կհասկանա ինձ։ Ինչպես որ նավը նույնիսկ ամենաբանուկ ծովային ճանապարհներով կարող է Ատլանտյան օվկիանոսը կտրել-անցնել առանց մի առագաստի հանդիպելու, այնպես էլ մարդը կարող է ամիսներով ճանապարհ գնալ հարավարևմտյան Տեխասի պրերիայով և ոչ մի մարդու չհանդիպել։ Բայց նույնիսկ օվկիանոսը այդպիսի անծայրածիր տարածության տպավորություն չի ստեղծում։ Օվկիանոսով ճանապարհորդելիս դուք չեք նկատում, որ առաջ եք շարժվում։ Ձեր շուրջը շարունակ լայնածավալ լազուր մակերեսն է և նրա վրա նույնպիսի լազուր, բայց մի քիչ ավելի բաց գույնի երկնակամարը, և դուք ոչ մի փոփոխություն չեք նկատում։ Ձեզ սկսում է թվալ, թե անշարժ կանգնած եք մի հսկայական շրջանի կենտրոնում, վիթխարի կամարի տակ, և դուք հնարավորություն չեք ունենում ամբողջությամբ ընկալելու անծայրածիր ջրային տարածության վիթխարիությունը։

Այլ բան է պրերիայում։ Կղզիանման անտառակները, բլուրները, ծառերը նշանաձողերի նման փոխարինում են իրար և ձեզ ցույց են տալիս, որ դուք անընդգրկելի մի տարածություն եք հաղթահարում։

Պրերիայում և առանձնապես հարավարևելյան Տեխասում ճանապարհորդողը, եթե մենակ է, հազիվ թե սիրտ ունենա հիանալու նրա վայրի գեղեցկությամբ։ Ովքեր հարկ են ունենում անտեսել այդ վայրի տափաստանների վտանգները, որտեղ կոմանչիներն են ապրում, ճամփորդում են երկու-երեք հոգով, իսկ ավելի հաճախ՝ տասը-քսան հոգուց բաղկացած խմբերով։

Բայց և այնպես երբեմն այստեղ էլ կարելի է հանդիպել միայնակ ճանապարհորդի։ Այսպես օրինակ, այն գիշեր, երբ Կասա դել Կորվոյի այգում վերոհիշյալ տեսարանը տեղի ունեցավ, առնվազն երեք ճանապարհորդ առանձին-առանձին կտրում-անցնում էին Լեոնայի ափերից դեպի հարավ-արևմուտք փռված հարթությունը։

Այն րոպեին, երբ Կոլհաունն անհաջողությունից սրտնեղած հեռանում էր մեքսիկացի մուստանգերի խրճիթից, կարելի էր տեսնել, թե ինչպես առաջին ուղևորը դուրս եկավ ավանից և ուղղվեց դեպի Նուեսես գետը կամ նրա վտակներից մեկը։

Թերևս ավելորդ կլինի ավելացնել, որ նա ձիով էր գնում, որովհետև Տեխասում հետիոտն մարդու կարելի է հանդիպել միայն քաղաքներում և ագարակներում։

Ձիավորի տակ մի սքանչելի նժույգ էր։ Նրա համաչափ, պիրկ քայլվածքը ցույց էր տալիս, որ ընդունակ է երկար ճանապարհ գնալու։

Արդյոք երկա՞ր ճանապարհ էր գնալու նա թե ոչ դժվար էր ասել։ Ձիավորը հագնվել էր այնպես, ինչպես սովորաբար հագնվում է ամեն մի տեխասցի, որը պատրաստվում է մի քանի տասնյակ մղոն ճանապարհ գնալ։ Հավանորեն նա տուն էր գնում։ Հազիվ թե այդ ուշ ժամին նա տանից դուրս եկած լիներ։ Անփութորեն ուսերին գցած սերապեն գուցե թե միայն գիշերային ցողից պաշտպանվելու համար էր։

Բայց որովհետև այդ գիշեր ցող չէր նստել, ապա հնարավոր է, որ ուղևորն, իսկապես, հեռավոր ճամփորդության էր դուրս եկել, մանավանդ, որ այն ուղղությամբ, ուր նա գնում էր, մոտակայքում ոչ մի գյուղ չկար։

Չնայած սրան, ուղևորը չէր շտապում, ասես նրա համար միևնույն էր, թե երբ կհասնի իր ճամփորդության վերջին կետին։ Ընդհակառակն, թվում էր, որ նա խորասուզված է հիշողությունների մեջ, որոնք այնպես ուժեղ էին համակել նրան, որ մարդն իր շրջապատի վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։

Ձին թողնված էր իր կամքին, սանձն ազատ կախ էր ընկել, բայց նա կանգ չէր առնում, այլ գնում էր վստահ քայլով, ասես իրեն ծանոթ շավիղով։

Այսպես էր գնում առաջին ճամփորդը, իր ձին չքշելով ոչ մտրակով, ոչ խթաններով, մինչև որ անհետացավ մշուշապատ հեռվում։

*  *  *



Համարյա հենց նույն պահին, երբ առաջին ձիավորն անհետացավ, ավանի ծայրին երևաց երկրորդ ձիավորը, և գնում էր միևնույն ճանապարհով, ասես նրանք պայմանավորված լինեին։

Նայելով նրա հագուստին՝ սա նույնպես երևի հեռավոր ճամփորդության էր դուրս եկել։

Նրա վրա կար մուգ գույնի մի լայն թիկնոց, որը ետևի կողմում ազատ ծալքերով իջնում էր ձիու գավակին։

Ի տարբերություն առաջինի՝ այս ձիավորը կարծես ինչ-որ տեղ էր շտապում և շարունակ քշում էր իր ձին մտրակով ու խթաններով։

Թվում էր, թե սա ուզում է ինչ-որ մեկի ետևից հասնել։ Հնարավոր է, որ առջևից գնացող ձիավորին հասնել էր ուզում․․․ Մերթընդմերթ նա կռանում էր և ուշիուշով դիտում հեռուն, ասես սպասում էր, որ երկնքի ֆոնի վրա ինչ-որ մեկի գծագրությունը կտեսնի։

Շուտով երկրորդ ձիավորն էլ անհետացավ հենց այնտեղ, որտեղ առաջինն էր անհետացել։ Այսպես կթվար նրան, ով այս ձիավորներին նայելիս լիներ ամրոցից կամ ավանից։

*  *  *



Եվ մի տարօրինակ զուգադիպությամբ, եթե միայն դա զուգադիպություն էր, հենց ճիշտ այն պահին, երբ անհետացավ երկրորդ ձիավորը, տեխասյան փոքրիկ ավանի ծայրին երևաց երրորդ ձիավորը, որն սկսեց առաջ գնալ նույն ուղղությամբ, ինչ և նախորդ երկուսը։

Նրանց պես սա ևս այնպես էր հագնված, ասես ճանապարհորդության էր դուրս եկել։ Վրան գցել էր մի վառ կարմիր թիկնոց, որը բոլորովին ծածկում էր նրա մարմինը։ Լայն փեշի տակից երևում էր թամբի լայնքին դրված որսորդական կարճ հրացանը։

Առաջին ձիավորի պես սա ևս գնում էր դանդաղ, նույնիսկ ավելի դանդաղ, քան երկար ճանապարհ դուրս եկած մարդը կգնար։ Այնուամենայնիվ, նա խիստ անհանգիստ էր թվում և դրանով նմանվում էր երկրորդ ձիավորին, որն անմիջականորեն իր առջևից էր գնում։

Սակայն այս երկու մարդկանց վարմունքի մեջ մեծ տարբերություն կար։ Մինչ մուգ թիկնոցավոր ձիավորը կարծես ինչ-որ մեկի ետևից հասնել էր ուզում, կարմիր թիկնոցավորը, ընդհակառակն, շարունակ ետ էր նայում, ասես նրան հետաքրքրում էր միայն այն, ինչ տեղի էր ունենում ետևում։

Երբեմն նա ասպանդակների վրա բարձրանալով շուրջն էր նայում, երբեմն ձին էր շուռ տալիս և ուշադիր նայում իր եկած ճանապարհին և շարունակ ականջ էր դնում, ասես սպասում էր, թե ահա, որտեղ որ է մեկը կհասնի իր ետևից․․․

Շարունակելով շուտ-շուտ ետ նայել այս ձիավորը ևս շուտով անհետացավ հեռվում։ Նա ոչ մեկի ետևից չհասավ, բայց նրա ետևից էլ ոչ ոք չհասավ։

*  *  *



Համարյա հավասարաչափ հեռավորությամբ իրարից անջատ՝ երեք ձիավորները առաջ էին գնում պրերիայով առանց միմյանց տեսնելու։

Եվ ոչ ոք չէր կարող միանգամից տեսնել բոլոր երեքին կամ թեկուզ երկուսին, գուցե թե բացի միայն բարձր ծառի գագաթից դիտող բուից և կամ այծկիթից, որը բարձր երկնքում գիշերային թիթեռներ էր որսում։

*  *  *



Մի ժամ անց, երբ երեք ճանապարհորդները Ինջ ամրոցից Հեռացել էին մի տասը մղոնի չափ, նրանց փոխադարձ դիրքը բավական փոխվեց։

Առաջին ձիավորը հենց նոր մոտեցավ երկար բացատին, որ ծառուղու նման խրվում էր մացառների թավուտի մեջ։ Այդ մացառները դեպի աջ ու ձախ ձգվում էին որքան աչքդ կտրեր։ Բացատը կարելի էր նմանեցնել մի լայն նեղուցի։ Նրա կանաչ մակերեսը եզերված էր ծառերի ավելի մուգ կանաչով, ինչպես ափից սահմանագծվող ջրի մակերեսը։ Ծագող լուսինը այն լուսավորում էր մոտ կես մղոն տարածությամբ։ Այնուհետև բացատը կտրուկ շուռ գալով մտնում էր ծառերի սև ստվերի մեջ։

Նախքան այդ բացատը մտնելը առաջին ձիավորը ակներև անվճռականություն ցուցաբերեց, նա իր ձին կանգնեցրեց և մեկ-երկու վայրկյան ուշիուշով դիտեց հեռուն։ Նրա ուշադրությունը բևեռված էր թփուտի մեջ խրված ճանապարհին, դեպի ետ չէր նայում։

Բայց նա երկար չտատանվեց։

Որոշում ընդունելով՝ նա ձիուն խթանեց և առաջ գնաց։

Եվ հենց այդ ժամանակ նրան նկատեց սև թիկնոցով ձիավորը, որը նույն ճանապարհով գնում էր նրա ետևից։ Այժմ նրանք իրարից մի կես մղոնի չափ էին հեռու։

Առջևի ձիավորին տեսնելուն պես սև թիկնոցավորը մի թեթև ճիչ արձակեց։ Թվում էր, թե նա գոհ է, որ վերջապես, հասնում է այն մարդուն, ում ետևից արդեն տասը մղոն ճանապարհ էր եկել։ Իր ձին ավելի արագ քշելով՝ նա մտավ բացատը, բայց առաջին ձիավորն արդեն անհետացել էր սև ստվերների մեջ։

Երկրորդ ձիավորն առանց տատանվելու հետևեց նրան և նույնպես շուտով անհետացավ թփերի մեջ։

Բավական երկար ժամանակ անցավ, մինչև որ այդ նույն տեղը հասավ երրորդ ձիավորը։

Նա անտառը չմտավ, ինչպես առաջին երկու ձիավորները, այլ շուռ եկավ դեպի անտառի եզրը։ Այնտեղ նա իր ձին կապեց մի ծառից և թփուտի միջով շեշտակի դուրս եկավ բացատը։

Առաջվա պես նա շուտ-շուտ ետ էր նայում, ասես այն, ինչ ետևում էր կատարվում, նրան ավելի շատ էր հետաքրքրում, քան առջևում տեղի ունեցողը։ Նա մոտեցավ բացատի ստվերոտ տեղին և առաջին երկու ձիավորների պես անհետացավ մթության մեջ։

*  *  *



Անցավ մի ժամ, իսկ թփուտի մեջ էլի շարունակում էր հնչել գիշերային ձայների անդադրում դժժոցը, որ երկու անգամ ընդհատվել էր ձիերի սմբակների դոփյունից և մեկ անգամ էլ մարդու ոտնաձայներից։

Բայց ահա անտառային ձայները նորից լռեցին։ Այս անգամ նրանք ընդհատվեցին բոլորը միանգամից և երկար ժամանակով։ Այն ձայնը, որ նրան ստիպեց լռել, նման չէր ոչ ձիերի դոփյունի, ոչ փափուկ խոտի վրայով քայլող մարդու ոտնաձայնի։ Դա հրացանային կրակոցի մի չոր որոտ էր։

Եվ ինչպես դիրիժորի փայտիկի մի շարժումով վայրկենապես ընդհատվում է ամբողջ նվագախմբի նվագը, այդպես էլ պրերիայի երգիչները միանգամից լռեցին՝ լսելով այդ չոր որոտը, որը մի առանձին սոսկում էր ներշնչում նրանց։

Դադարեց մլավել կատվառյուծը մացառուտի մեջ, չէր լսվում այլևս անտառի եզրին թափառող շնագայլի ոռնոցը, և նույնիսկ հովազը, որի համար սարսափելի չէ անտառային և ոչ մի գազան, կրակոցից վախենալով դադարեց մռնչալ։

Բայց կրակոցին չհետևեցին ո՛չ վիրավոր մարդու տնքոցներ, ո՛չ գնդակահարված կենդանու ծղրտոց, և հովազը սիրտ առնելով նորից սկսեց իր խռպոտ մռնչոցով վախեցնել անտառի բնակիչներին։

Բարեկամներն ու թշնամիները՝ թռչուններ, գազաններ ու սողուններ, ուշադրություն չդարձնելով հեռվից եկող նրա մռնչոցին, նորից սկսեցին իրենց խլացուցիչ համերգը։ Եվ շուտով թփուտում նորից սկսվեց սովորական աղմուկը, այնպես, որ նույնիսկ կողք կողքի կանգնած մարդիկ պետք է գոռային, որպեսզի կարողանային իրար լսել։

Գլուխ XXXVII․ Առեղծվածային անհետացում

Կասա դել Կորվոյի զանգը երկու անգամ հնչել էր նախաճաշի հրավիրելով, իսկ դրանից ավելի առաջ եղջրափողն էր հնչել ագարակի հեռավոր ծայրերից ստրուկներին կանչելով։

Մոտերքում աշխատողներն արդեն իրենց խրճիթների մոտ տեղավորվել էին կանաչ խոտի կամ գերանդիների վրա և սկսել էին ուտել։

Ագարակատիրոջ ընտանիքը սեղանատանը հավաքված՝ արդեն պատրաստ էր սեղան նստելու, բայց պարզվեց, որ դեռ բոլորը չեն եկել։ Հենրին չկար։

Սկզբում դրան ոչ մի նշանակություն չէին տալիս և սպասում էին, թե ահա, որտեղ որ է՝ կերևա։

Բայց անցավ մի քանի րոպե, իսկ Հենրին չկար ու չկար։ Ագարակատերը մի որոշ զարմանքով ասաց, որ իր որդին սովորություն չունի սեղա-նից ուշանալու։

Ամերիկայի հարավ-արևմուտքում ընդունված է, որ առավոտյան նախաճաշին ամբողջ ընտանիքը հավաքվում է մի որոշակի ժամի, և բոլո-րը միասին սեղան են նստում։ Այս սովորությունը ծագել է տեղական ճաշատեսակների առանձնահատկության կապակցությամբ։ «Վիրգինյան բիսկվիթը», վաֆլին, հնդկացորենի բլիթները, այս ամենը համով է, եթե հենց նոր կրակից վերցրել և ուտում ես տաք-տաք։ Եվ երբ սեղանատանը նախաճաշում են, դա խոհարարուհու համար շիկացած սալօջախի առաջ կանգնելու տանջանքի ժամ է լինում։

Նա, ով ծույլ է և քնով անցնելով ուշանում է նախաճաշից, արդեն պաղած ալադի է ստանում կամ զրկվում է վաֆլիից, ահա թե ինչու հարավային ագարակներում այդպիսի ծույլեր քիչ կան։

Դրա համար էլ, իսկապես, կարող էր շատ տարօրինակ թվալ, որ Հենրի Պոյնդեքստերը դեռևս չի եկել սեղան նստելու։

― Այս ո՞ւր է կորել տղան,― առանց որևէ մեկին դիմելու արդեն չորրորդ անգամ հարցրեց հայրը։

Ո՛չ Կոլհաունը, ո՛չ Լուիզան ոչինչ չպատասխանեցին։ Լուիզան ինքն էլ այդպիսի հարց էր տալիս։ Սակայն նրա հայացքի և ձայնի մեջ ինչ-որ մի տարօրինակ բան էր զգացվում, բայց դա կարելի էր նկատել միայն ուշիուշով նրա դեմքին նայելով։

Դժվար թե դրա պատճառը նրա եղբոր բացակայությունը լիներ նախաճաշի սեղանին։ Այդպիսի դատարկ բանը հազիվ թե որևէ մեկին կարողանար հուզել, այնինչ Լուիզան այդ պահին խիստ հուզված էր։

Ուրեմն ի՞նչ էր պատճառը։ Ոչ ոք նրան չհարցրեց։ Հայրը ոչ մի օտարոտի բան չնկատեց նրա հայացքում, առավել ևս Կոլհաունը, որն ինքն էլ աշխատում էր հանգիստ ձևանալով դրա տակ թաքցնել իր մի ինչ-որ անախորժ միտքը։

Այն պահից, ինչ Կոլհաունը սեղանատուն էր մտել, ոչ մի խոսք չէր արտասանել և, հակառակ իր սովորության, ոչ մի անգամ Լուիզային չէր նայել։

Սեղանի մոտ նստած նա նկատելիորեն նյարդայնանում էր, և երբ ծառան ներս էր մտնում, մեկ-երկու անգամ նույնիսկ ցնցվեց։

Տարակույս չկար, որ նա ինչ-որ բանից խիստ հուզված էր։

― Շատ զարմանալի է, որ Հենրին ուշացել է նախաճաշից,― համարյա տասներորդ անգամ կրկնեց ագարակատերը։― Մի՞թե դեռ քնած է․․․ Բայց ո՛չ։ Հենրին երբեք այսպես ուշ չի վեր կենում։ Բայց եթե նույնիսկ որևէ տեղ է գնացել, ապա պետք է եղջրափողի ձայնը լսած լիներ․․․ Գուցե, այնուամենայնիվ, իր սենյակումն է․․․ Պլուտո՛ն։

― Այստեղ եմ, մասսա Վուդլի։ Դուք ինձ կանչեցի՞ք։

Պլուտոնի վրա բացի կառապանությունից դրված էր նաև սեղանին սպասարկելու պարտականությունը։

― Գնա Հենրիի ննջարանը, և եթե նա այնտեղ է, ասա, որ մենք արդեն նախաճաշը վերջացնում ենք։

― Նա այնտեղ չէ, մասսա Վուդլի։

― Դու եղե՞լ ես նրա սենյակում։

― Այո․․․ այսինքն՝ ուզում էի ասել ո՛չ։ Ես նրա սենյակում չեմ եղել, բայց եղել եմ ախոռում․ ուզում էի նրա ձին կերակրել, մասսա Վուդլի։ Նրա ձին այնտեղ չգտա, թամբն էլ այնտեղ չէ, սանձն էլ չկա, միստր Հենրին էլ չկա։ Նա դուրս է գնացել, երբ տանը բոլորը քնած են եղել։

― Դու համոզվա՞ծ ես, որ այդպես է,― հարցրեց ագարակատերը՝ այդ տեղեկությունից լրջորեն անհանգստանալով։

― Իհարկե, համոզված եմ, մասսա Վուդլի։ Այնտեղ, ախոռում միայն մասսա Կոլհաունի ձին է։ Խատուտիկը արոտումն է։ Իսկ մասսա Հենրիի ձին չկա։

― Այդ դեռ չի նշանակում, թե միստր Հենրին իր սենյակում չէ։ Իսկույն գնա տես։

― Ես հենց այս րոպեին կգնամ, մասսա Վուդլի, բայց դուք կտեսնեք, որ Պլուտոնը ճիշտ է ասում։ Երիտասարդ պարոնն այնտեղ չէ։ Մասսա Հենրին այնտեղ է, որտեղ իր ձին է։

― Ոչինչ չեմ հասկանում,― ասաց ագարակատերը, երբ Պլուտոնը դուրս գնաց սենյակից։― Հենրին դուրս է գնացել տնից, այն էլ գիշերը։ Բայց ո՞ւր է գնացել։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ում մոտ կարող էր գնալ այդ ուշ ժամին։ Նեգրի ասելով նա բացակայել է ամբողջ գիշերը։ Երևի ամրոցում է եղել, ջահելների մոտ։ Հույս ունեմ պանդոկ չի լինի գնացած․․․

― Օ՜, ո՛չ, իհարկե, այնտեղ չի գնա,― միջամտեց Կոլհաունը, որ կարծես ավելի քիչ չէր մտահոգված, քան ագարակատերը։ Բայց նա ուրիշ են-թադրություն էլ չարեց և ոչ մի խոսք չասաց այգում տեղի ունեցածի մասին։

«Պետք է հուսալ, որ Կասսին դրա մասին ոչինչ չգիտե,― մտածեց Լուիզան։― Եթե այդպես է, ապա ամեն ինչ կարող է գաղտնիք մնալ իմ և եղբորս միջև։ Ես միշտ էլ կարող եմ համոզել Հենրիին։ Բայց ինչո՞ւ մինչև հիմա նա չկա։ Ամբողջ գիշերը ես նստած նրան էի սպասում։ Նա երևի հասել է Մորիսի ետևից, և նրանք հաշտվել են։ Հույս ունեմ, որ այդպես կլինի, թեև նրանք կարող էին հաշտվել և պանդոկում։ Հենրին շատ զուսպ տղա է, բայց այնպիսի ապրումների ազդեցությամբ կարող էր իր սովորությանը դավաճանել։ Եվ դրա համար չի կարելի նրան դատապարտել․ մանավանդ, որ այդպիսի հասարակության մեջ նրան ոչ մի վատ բան չի պատահի։

Դժվար է ասել, թե որքան հեռուն կգնային Լուիզայի այս մտորումները, եթե այդ ժամանակ շեմքում չերևար Պլուտոնը։

Նա այնպիսի լարված տեսք ուներ, որ ասես ուզում էր ինչ-որ շատ կարևոր բան հայտնել։

― Դե՛, ի՞նչ կա,― գոչեց ագարակատերը, չսպասելով ծառայի խոսքին,― այնտե՞ղ է։

― Ոչ, մասսա Վուդլի,― հուզված պատասխանեց նեգրը։― Նա այնտեղ չէ, մասսա Հենրին չկա։ Բայց, բայց․․․― շարունակեց նա, տատանվելով։― Պլուտոնի համար դժվար է ասել․․․ նրա ձին այնտեղ է․․․

― Նրա ձին այնտե՞ղ է։ Հուսով եմ, որ ննջարանում չէ՞։

― Ո՛չ, սը՛ր։ Բայց նա ախոռում էլ չէ։ Նա դարբասի մոտ է։

― Նրա ձին դարբասի մո՞տ է։ Բայց դա ինչո՞ւ է քեզ վշտացրել։

― Որովհետև, մասսա Վուդլի․․․ որովհետև․․․ այդ ձին մաստր Հենրիի ձին է․․․ որովհետև․․․

― Դե խոսիր, վերջապես, խափշիկ, ի՞նչ ես մի գլուխ «որովհետև, որովհետև»-ը գցել։ Հուսով եմ, որ ձիու գլուխը ողջ է։ Թե՞ պոչը տեղը չէ։

― Օ՜, մասսա Վուդլի, նեգրը դրանից չի վախենում։ Երանի թե ձին գլուխն ու պոչը կորցրած լիներ։ Պլուտոնը վախենում է, որ նա տիրոջն է կորցրել։

― Ի՞նչ։ Ձին ցա՞ծ է գցել Հենրիին։ Դատարկ բան, Պլուտոն։ Անկարելի է, որ ձին ցած գցած լինի իմ որդու պես մի ձիավարի։ Անկարելի է։

― Ես չեմ էլ ասում, թե նրան ցած է գցել։ Ես ավելի վատ փորձանքից եմ վախենում։ Օ՜, իմ թանկագին պարոն, ես էլ ոչինչ չեմ կարող ասել։ Դուրս եկեք դարբասի մոտ և ինքներդ տեսեք։

Պլուտոնի կցկտուր խոսքը և մանավանդ նրա ձայնն ու շարժումները բոլորին անհանգստացրին։ Ոչ միայն ագարակատերը, այլև նրա դուստրը և Կոլհաունը արագ վեր կացան իրենց տեղերից և շտապեցին դեպի հասիենդայի դարբասը։

Այն, ինչ նրանք տեսան, կարող էր միայն ամենամռայլ ենթադրություններ հարուցել։ Ստրուկ նեգրերից մեկը ձիու սանձը բռնած կանգնած էր։ Կենդանին բոլորովին թաց էր գիշերվա ցողից, ըստ երևույթին ձիապանի ձեռքը դեռ չէր դիպել նրան։ Ձին շարունակ սմբակը գետնին էր խփում և փնչացնում, ասես նոր մի սոսկալի վտանգից էր ազատվել։ Նրա վրա ցայտել էր մի բան, որ ավելի մուգ էր ցողից, ավելի մուգ նրա մազի գույնից․ ձիու ուսին, առջևի ոտքերին և թամբի վրա լերդացած արյան մուգ բծեր կային։

Որտեղի՞ց էր եկել ձին։

Պրերիայից։ Նեգրը նրան բռնել էր դաշտում, երբ սանձը երկու ոտքերի արանքը գցած՝ նա բնազդաբար վազում էր տուն, դեպի հասիենդա։

Ո՞ւմ էր պատկանում այդ ձին։

Այս հարցը ոչ ոք չտվեց։ Բոլորը գիտեին, որ դա Հենրի Պոյնդեքստերի ձին է։

Ոչ ոք չհարցրեց, թե ում արյունն է ցայտել ձիու վրա։ Բոլոր երեքի մտքում էլ միևնույն մարդն էր՝ որդին, եղբայրը, քեռորդին։

Մուգ բծերը, որոնց նրանք նայում էին վշտահար հայացքով, Հենրի Պոյնդեքստերի արյան բծերն էին։ Ոչ ոք սրան չէր կասկածում։

Գլուխ XXXVIII․ Որոնումները

Արագորեն և, ըստ երևույթին, ճիշտ մեկնաբանելով մռայլ վկայությունները՝ վշտից խելացնոր հայրը նետվեց արյունոտ թամբի վրա և արշավեց դեպի ամրոց։

Կոլհաունը հետևեց նրան։

Տեղի ունեցած լուրը շուտով տարածվեց ամբողջ շրջակայքում։ Արագընթաց ձիավորներն իսկույն լուր տարան գետի հոսանքն ի վեր և դեպի վար, մինչև ամենահեռավոր ագարակները։

Հնդկացիները ռազմի ուղի են բռնել, նրանք գանգամաշկեր են հանում արդեն բոլորովին մոտերքում։ Հենրի Պոյնդեքստերը նրանց առաջին զոհն է դարձել։

Հենրի Պոյնդեքստերը, այդ ազնիվ ու մեծահոգի պատանին, որն ամբողջ Տեխասում ոչ մի թշնամի չուներ։ Բացի հնդկացիներից ուրիշ էլ ո՞վ կարող էր այդ անմեղ արյունը թափել։ Միայն կոմանչները կարող էին այդպես անգութ լինել։

Ինջ ամրոցի հրապարակում հավաքված ձիավորներից ոչ մեկը չէր կասկածում, որ այդ ոճիրը գործել են կոմանչները։ Միայն չէին իմանում, թե ինչպես, երբ և որտեղ են արել այդ։

Արյան բծերը պարզ պատասխան էին տալիս առաջին հարցին․ ձիու տիրոջը գնդակով են խփել կամ նիզակով։ Արյան բծերն ամենից շատ աջ կողմում էին, որտեղ այնպիսի տեսք ունեին, որ ասես ինչ-որ մեկը քսել էր։ Նույնը նկատելի էր նաև ձիու ուսի և թամբի վրա։ Ըստ երևույթին այդ հետքը թողել էր ձիուց ցած ընկնող ձիավորի մարմինը։

Ներկաներից ոմանք․ որոնք սահմանագծային կյանքի մեծ փորձ ունեին, բավական վստահորեն նույնիսկ ոճիրը կատարվելու ժամանակն էին որոշում։ Նրանց ասելով արյունը թափվել է ոչ ավելի, քան տասը ժամ առաջ։

Արդեն կեսօր էր։ Հետևապես սպանությունը կատարվել էր գիշերվա ժամը երկուսին։

Երրորդ հարցը, թերևս, ամենակարևորն էր համենայնդեպս այժմ, երբ ոճիրն արդեն կատարվել էր։

Որտե՞ղ էր կատարվել այն։ Որտե՞ղ որոնել դիակը։

Եվ, վերջապես, որտե՞ղ որոնել մարդասպաններին։

Այս հարցերը քննարկում էր զինվորականների ու ագարակատերերի խորհուրդը, որ շտապ հրավիրվել էր Ինջ ամրոցում։ Նախագահում էր ամրոցի պարետը, վշտաբեկ հայրը լուռ կանգնած էր նրա կողքին։

Որտե՞ղ որոնել ոճրագործներին և ոճրագործության վայրը։

Պրերիայի կողմնացույցը, ինչպես ծովագնացության ուղիները ցույց տվող կողմնացույցը, երեսուներկու կողմնամաս ունի։ Նշանակում է կո-մանչների ռազմական ջոկատը որոնելու գնացող արշավախումբը կարող է ընտրություն անել այդ երեսուներկու հնարավոր ուղղությունների մեջ, որոնցից միայն մեկը կարող է ճիշտ լինել։

Բոլորը գիտեին, որ կոմանչներն ապրում են արևմուտքում։ Բայց դա շատ անորոշ բան էր, որովհետև նրանք հարյուրավոր մղոն տարածու-թյունների վրա այստեղ-այնտեղ էին քոչում։ Բացի դրանից, հնդկացիներ, ռազմի ուղի էին բռնել և Լեոնայի նման մի մեկուսացված վայրում նրանք կարող էին հարձակվել նաև արևելքից․ դա կոմանչների, այդ հմուտ ռազմիկների սովորական ստրատեգիական խորամանկությունն էր։

Ենթադրաբար գնալը պարզապես անմիտ բան կլիներ, բայց ինչպես իմանալ, թե երեսուներկու հնարավոր ուղիներից որն է ճիշտը։

Մանր խմբերի բաժանվելու և տարբեր ուղղություններով գնալու առաջարկությունը հավանության չարժանացավ, և մայորն էլ այն մերժեց։

Հնդկացիները կարող էին մինչև հազար հոգի լինել, իսկ նրանց դեմ հանել կհաջողվեր մի հարյուր մարդուց բաղկացած ջոկատ, ոչ ավելի հիսուն ձիավոր ամրոցից և մոտ մի այդքան էլ ագարակներից։ Անհրաժեշտ էր, որ բոլորը միասին լինեն, թե չէ՝ հարձակման դեպքում մաս-մաս եղած ջոկատը հեշտությամբ կարող էր ոչնչանալ։

Այս պատճառաբանությունը հիմնավոր համարվեց։ Նույնիսկ վշտաբեկ հայրը և Կոլհաունը, որը ո՛չ պակաս վշտացած էր երևում, համաձայնեցին ենթարկվել մեծամասնության խելամիտ կարծիքին, որը պաշտպանեց նաև մայորը։

Այսպես ուրեմն, որոշվեց, որ որոնումների են գնալու մեկ ուժեղ ջոկատ կազմած։

Բայց ո՞ր ուղղությամբ գնալ։ Սրա մասին դեռ շարունակում էին վիճել։

Կապիտան Սլոումենը, որ մի խելամիտ մարդ էր, առաջարկեց հարցուփորձ անել և իմանալ, թե վերջին անգամ որ ուղղությամբ է գնացել այն մարդը, որը, ինչպես ենթադրում են, սպանված է։ Իսկ ո՞վ է վերջին անգամ տեսել Հենրի Պոյնդեքստերին։

Ամենից առաջ հարցրին նրա հորն ու հորաքրոջ որդուն։

Ագարակատերը վերջին անգամ որդուն տեսել էր ընթրիքի ժամանակ և ենթադրում էր, որ դրանից հետո նա գնացել է քնելու։

Կոլհաունի պատասխանը խուսափողական էր։ Նա իր քեռորդու հետ խոսել էր մի քիչ ավելի ուշ և այն տպավորությունն էր ստացել, որ դրանից հետո, երբ իրենք իրար հրաժեշտ էին տվել, պատանին գնացել է իր սենյակը։

Ւնչո՞ւ Կոլհաունը թաքցրեց այն, ինչ իրոք տեղի էր ունեցել։ Ինչո՞ւ նա լռության մատնեց այգում տեղի ունեցած տեսարանը, որի վկան էր եղել ինքը։

Գուցե նրա՞ համար, որ վախենում էր ստորացուցիչ վիճակի մեջ ընկնել, եթե պատմի, թե ինքն ինչ դեր է խաղացել այդ գործում։

Այսպես թե այնպես նա ճշմարտությունը թաքցրեց, և նրա տված պատասխանը ներկա եղողների մեջ կասկած առաջացրեց։

Սուտը շատ ավելի ակներև կդառնար, եթե նրանք կասկածների հիմք ունենային, կամ եթե դրա մասին խորհելու ավելի շատ ժամանակ լիներ։ Բայց ահա, անսպասելիորեն գործը բոլորովին այլ ընթացք ստացավ։ Հյուրանոցի տնօրեն Օբերդոֆերը հրավերի չսպասելով ինքը եկավ այդ խորհրդակցությանը։ Ամբոխի միջով առաջ խցկվելով նա հայտարարեց, թե ուզում է կարևոր տեղեկություններ հայտնել, որոնք թերևս կարող են պատասխանել այն հարցին, թե վերջին անգամ երբ են տեսել Հենրի Պոյնդեքստերին և որ ուղղությամբ է գնացել նա։

Գերմանացին կոտրտված անգլերենով պատմեց հետևյալը։ Մորիս մուստանգերը, որը կապիտան Կոլհաունի հետ ունեցած մենամարտից հետո ապրում էր հյուրանոցում, այդ երեկո ինչ-որ տեղ գնաց, մի բան, որ արդեն առաջին անգամը չէր անում վերջին ժամանակներս։

Նա վերադարձավ շատ ուշ։ Հյուրանոցի տերը դեռ չէր պառկել քնելու, որովհետև պանդոկում երիտասարդները քեֆ էին անում։ Մուստանգերը հարցրեց, թե որքան է վճարելու, մի բան, որ վաղուց արդեն չէր արել, և, ի զարմանս հյուրանոցի տիրոջ, վճարեց մինչև վերջին ցենտը։ Թե որտեղ էր ճարել նա այդ փողը և ինչու այդպես շտապ հեռացավ՝ միայն Աստծուն է հայտնի։ Իսկ ինքը՝ Օբերդոֆերը գիտեր, որ Մորիս Ջերալդը հյուրանոցից հեռանալիս վերցրեց իր ամբողջ սարք ու կարգը, ինչպես անում էր վայրի մուստանգների որսի գնալիս։

Դրա համար էլ հյուրանոցի տերը մտածել էր, թե մուստանգերը գնաց որսի։

Բայց այս ամենը ի՞նչ կապ ուներ գործի հետ։ Շատ մեծ կապ, թեև դա պարզվեց միայն բացատրության վերջում, երբ վկան, վերջապես, անցավ ավելի էական փաստեր պատմելուն։ Մուստանգերի գնալուց հետո մի քանի րոպե անց հյուրանոցի դուռը բախեց Հենրի Պոյնդեքստերը․ նա ուզում էր տեսնել մուստանգեր Մորիս Ջերալդին։ Երբ նրան ասացին, որ նա գնացել է և բացատրեցին, թե որ ուղղությամբ և երբ է գնացել, երիտասարդ Պոյնդեքստերն արագ արշավեց ցույց տված ուղղությամբ, ասես ցանկանալով հասնել մուստանգերի ետևից։ Այս էր այն ամենը, ինչ գիտեր Օբերդոֆերը և ինչ կարող էր պատմել նա։

Թեպետև այս տեղեկությունների մեջ որոշ բաներ պարզ չէին, այնուամենայնիվ, որոնումները սկսելիս հենց սրանից էլ կարելի էր ելնել։ Եթե Հենրի Պոյնդեքստերը գնացել է Մորիս մուստանգերի հետ կամ նրա ետևից, նշանակում է նրան պետք է որոնել այն ճանապարհին, որով պետք է գնար մուստանգերը։

Արդյոք որևէ մեկը գիտե՞, թե որտեղ է Մորիս մուստանգերի տունը։

Ոչ ոք այդ բանը ճիշտ չգիտեր։ Ոմանք ենթադրում էին, որ նրա տունը պետք է լինի Նուեսեսի կողմերում, նրա վտակ Ալամոյի ափին։

Այսպես ուրեմն, անհետացած պատանու հետքը կամ նրա դիակը գտնելու համար որոշվեց գնալ Ալտմոյի կողմը․ գուցե թե այնտեղ գտնեն նաև Մորիս մուստանգերի դիակը։ Եվ այն ժամանակ պետք է վրեժ լուծել ոչ թե մեկի, այդ երկուսի գազանային սպանության համար։

Գլուխ XXXIX․ Արյան լիճը

Չնայած այս ջոկատը շատ ավելի մեծաթիվ էր, քան սահմանային բնակիչների սովորական ջոկատները, որոնք իրենց մոլորված հարևանին են որոնում, այսուամենայնիվ առաջ էր շարժվում մեծ զգուշությամբ։

Դրա համար լուրջ հիմքեր կային․ հնդկացիները ռազմի ուղին էին բռնել։

Առաջ էին ուղարկվել փորձված հետախույզներ, որոնց վրա պարտականություն էր դրվել հետքեր գտնել և հասկանալ նրանց նշանակությունը։

Լեռնայից դեպի արևմուտք համարյա տասը մղոն տարածությամբ փռված պրերիայում նրանք ոչ մի հետք չգտան։ Գետինն այդտեղ այնքան չոր ու պինդ էր, որ նրա վրա սմբակների հետքեր կարող էր թողնել միայն քառատրոփ վազող ձին։ Բայց այդպիսի հետքեր չկային։

Ամրոցից մի տասը մղոն հեռավորության վրա հարթությունը կտրտում էին խիտ անտառաշերտեր, որոնք ձգվում էին հեռու դեպի հյուսիս-արևմուտք ու հարավ-արևելք՝ իսկական տեխասյան ջունգլիներ, որտեղ ծառերին այնքան խիտ բավիղներ ու լիանաներ էին փաթաթված, որ անտառը համարյա անանցանելի էր ինչպես ձիու, այնպես էլ մարդու համար։

Այդ անտառների միջով, հենց ուղիղ ամրոցի դիմաց ձգված էր մի բացատ, որ ամենակարճ ճանապարհն էր դեպի Նուեսես գետը։ Ծառերի ուղիղ շարքերով եզերված այդ բացատը իսկական ծառուղու տպավորություն էր թողնում։ Գուցե թե դա կոմանչների հին ռազմուղին էր, որ բաց էին արել Թամաուլիպասի, Կոաուիլուի և Նուեվո Լեոնի[52] վրա արշավներ գործելու ժամանակ։

Հետախույզները գիտեին, որ այդ բացատը գնում է դեպի Ալամո, և ջոկատը տարան այդտեղով։

Շուտով ձիավորները նկատեցին, որ հետախույզներից մեկը, որն առջևից ոտքով էր գնում, կանգ է առել անտառի եզրին և իրենց է սպասում։

― Ի՞նչ կա,― հարցրեց մայորը մյուսներից առաջ ընկնելով և հետախույզին մոտենալով։― Հետքե՞ր են։

― Այո, մայոր, և այն էլ շատ։ Նայեցեք այստեղ։ Ահա այստեղ, ուր հողը փափուկ է, տեսնո՞ւմ եք։

― Ձիու հետքեր են։

― Երկու ձիու, մայոր,― ասաց հետախույզը՝ հարգալից ուղղելով մայորին։

― Ճիշտ է, երկու ձիու։

― Սրանից դենը կարծես թե չորս հետք է, բայց դրանք բոլորն էլ թողել են այս երկու ձին։ Նրանք սկզբում այս բացատով դեպի վեր են գնացել, ապա ետ են դարձել։

― Լավ, Սպենգլեր, ի՞նչ կասես դու դրա մասին։

― Ես բացատով հեռու չեմ գնացել, և շատ բան դեռ առեղծված է մնում,― պատասխանեց Սպենգլերը, ով ամրոցում ծառայում էր որպես հետախույզ,― բայց և այնպես պարզ է, որ այստեղ մարդ են սպանել։

― Ի՞նչ ապացույցներ ունես։ Մի՞թե դիակ ես գտել։

― Հապա ի՞նչ ես գտել։

― Արյուն։ Արյան մի ամբողջ լիճ, որ ասես բիզոնի երակներից են բաց թողել։ Եկեք և ինքներդ տեսեք։ Բայց,― շարունակեց նա շշուկով,― եթե ուզում եք, որ ես, ինչպես հարկն է, այս հետքերը հասկանամ, հրամայեցեք մյուսներին մոտ չգալ։ Մանավանդ նրանց, ովքեր առջևումն են։

Ըստ երևույթին այս դիտողությունը վերաբերում էր ագարակատիրոջը և նրա քրոջ որդուն, որովհետև հետախույզը աչքի տակով նրանց նայեց։

― Լա՛վ,― պատասխանեց մայորը։― Մի՛ անհանգստացիր, Սպենգլեր, քեզ ոչ ոք չի խանգարի․․․ Ջենտլմեննե՛ր, խնդրում եմ ձեզ մի քանի րոպե տեղից չշարժվել։ Առաջ գալ չի կարելի, որովhետև Սպենգլերը պետք է hետքեր ուսումնասիրի։ Նա իր hետ կարող է վերցնել միայն ինձ։ Մայորի hրամանը քաղաքավարի խնդրանքի կերպարանք ուներ, որովhետև նա խոսում էր այնպիսի մարդկանց hետ, որոնք անմիջականորեն իրեն չէին ենթարկվում։ Բայց բոլորն անտրտունջ կատարեցին այդ կարգադրությունը և իրենց տեղերում մնացին, մինչդեռ մայորն առաջ գնաց hետախույզի ետևից։

Մի hիսուն քայլի չափ գնալուց hետո Սպենգլերը կանգ առավ։

― Տեսնո՞ւմ եք, մայոր,― ասաց նա՝ մատնացույց անելով գետինը։

― Սա կույրն էլ կտեսնի,― պատասխանեց սպան։― Արյան լիճ, և դու իրավացի ես․ այնքան մեծ է, որ կարելի է մտածել, թե այստեղ բիզոն են մորթել։ Իսկ եթե սա մարդու արյուն է, ապա կարելի է չկասկածել, որ այդ մարդն այլևս կենդանի չէ։

― Նա ավելի շուտ է մեռել, քան այս արյունն է լերդացել,― ասաց հետախույզը։

― Ի՞նչ ես կարծում, Սպենգլեր, ո՞ւմ արյունն է սա։

― Սա հենց այն մարդու արյունն է, որին մենք որոնում ենք․ ագարակատիրոջ որդու։ Դրա համար էլ ես չէի ուզում, որ հայրը մեզ հետ գար։

― Ինձ թվում է նրանից ճշմարտությունը չպետք է թաքցնել։ Միևնույն է նա ժամանակին իմանալու է։

― Այդ ճշմարիտ է, մայոր։ Բայց մենք նախ պետք է պարզենք, թե ինչպես են սպանել պատանուն, և հենց այդ է, որ ես չեմ կարողանում հասկանալ։

― Չես կարողանում հասկանա՞լ։ Նրան, իհարկե, հնդկացիներն են սպանել։ Չէ՞ որ կոմանչներն են սպանել նրան։

― Ամենևին,― վստահ պատասխանեց հետախույզը։

― Ինչո՞ւ ես այդպես կարծում, Սպենգլեր։

― Եթե այստեղ հնդկացիներ եղած լինեին, մենք ոչ թե երկու, այլ քա-ռասուն ձիու հետք կգտնեինք։

― Այդ ճշմարիտ է։ Դժվար թե կոմանչը սիրտ անի մենակ հարձակում գործել։

― Կոմանչներից ոչ մեկը, մայոր, և ընդհանրապես ոչ մի հնդկացի չի կատարել այս սպանությունը։ Բացատի վրա երևում են միայն երկու ձիու հետքեր։ Դուք տեսնում եք, սրանք պայտերի հետքեր են, այս նույն հետքերն էլ ետ են գալիս։ Կոմանչները պայտած ձի չեն ունենում, թերևս միայն գողացած ձիերը պայտած լինեն։ Այս երկու ձիերի վրա էլ սպիտակամորթ մարդիկ են եղել և ոչ թե կարմրամորթ։ Հետքերի մի շարքը թողել է մի խոշոր մուստանգ, մյուսը՝ ամերիկյան ձի։ Դեպի արևմուտք գնալիս մուստանգն առջևումն է եղել, սա պարզվում է նրանով, որ նրա հետքերը կոխկրտված են։ Վերադարձի ժամանակ ամերիկյան ձին է առջևում եղել, իսկ մուստանգը գնացել է նրա ետևից։ Առայժմ դժվար է ասել, թե մի ձիավորն ինչ հեռավորությամբ է հետևել մյուսին։ Երևի դա պարզելը հեշտ կլինի, եթե մենք գնանք այնտեղ, որտեղից նրանք երկուսն էլ ետ են դարձել։ Դա պետք է որ հեռու չլինի։

― Լավ, գնանք այնտեղ,― ասաց մայորը։― Ես հիմա կկարգադրեմ, որ ոչ ոք մեր ետևից չգա։

Այդ կարգադրությունն անելով բարձր ձայնով, որպեսզի բոլորը լսեն, մայորը գնաց Սպենգլերի ետևից։

Հետքերը նշմարվում էին էլի մի չորս հարյուր յարդի վրա։ Բայց մայո-րը դրանք նկատել կարող էր միայն փափուկ հողի վրա, ծառերի ստվերում։ Հետախույզն ասաց, որ իր ենթադրությունը հաստատվում է․ դեպի արևմուտք մուստանգն առջևից է գնացել, իսկ վերադարձին եղել է ամերիկյան ձիու ետևը։

Դրանից դենն այլևս հետքեր չկային․ այստեղից երկու ձին էլ ետ էին դարձել։

Ետ դառնալուց առաջ նրանք միառժամանակ կանգնած են եղել մի մեծ կաղամախու տակ, սմբակների տակ փորփրված հողը պերճախոս կերպով այդ էր վկայում։

Սպենգլերը ձիուց իջավ և սկսեց ուշի ուշով ուսումնասիրել հետքերը։

― Նրանք այստեղ միասին են եղել,― ասաց հետախույզը մի քանի րոպեից հետո։― Եվ բավական երկար ժամանակ։ Բայց երկուսն էլ ձիերի վրա են մնացել և հանգիստ զրույց են արել։ Սա ավելի է խճճում գործը։ Երևի սրանից հետո են գժտվել․․․

― Եթե դու ճշմարիտ ես ասում, Սպենգլեր, ապա ուրեմն իսկական կախարդ ես։ Ասա խնդրեմ, ինչի՞ց ես իմանում դու այս ամենը։

― Հետքերից, մայոր, հետքերից։ Դա շատ հասարակ բան է։ Ես տեսնում եմ, որ հետքերը տեղ-տեղ իրար վրա են ընկնում։ Նշանակում է ձի-երն այստեղ են եղել միաժամանակ, բայց նրանք չեն համբերել և կանգ-նած տեղը դոփդոփել են։ Ձիավորներն այստեղ բավական երկար են մնացել, այնքան, որ մի-մի լրիվ սիգար են ծխել։ Ահա նրանց սիգարների մնացորդները։ Տեսնո՞ւմ եք, լրիվ ծխված են, նրանց մնացորդով մի ծխամորճ էլ չի լցվի։

Հետախույզը կռացավ, սիգարների մնացորդները վերցրեց ու տվեց մայորին։

― Հենց սրանով էլ,― շարունակեց հետախույզը,― ես եզրակացնում եմ, որ ձիավորները չէին կարող իրար դեմ թշնամաբար տրամադրված լինել։ Մարդիկ նրա համար չեն իրար կողքի կանգնում ու ծխում, որպեսզի մի րոպե հետո իրար կոկորդ կտրեն կամ իրար գլուխ ջախջախեն։ Գժտությունը կարող էր ծագել միայն սիգարները ծխելուց հետո։ Որ գժտություն եղել է, այդ ես չեմ կասկածում։ Եվ նրանցից մեկը սպանել է մյուսին, այդ նույնքան հաստատ է, որքան այն, որ դուք հիմա նստած եք թամբին։ Թե ով է զոհվել, դժվար չէ գլխի ընկնել։ Խեղճ միստր Պոյնդեքստերը այլևս երբեք իր որդուն չի տեսնի։

― Այդ ամենը շատ առեղծվածային բան է,― ասաց մայորը։

― Այո, գրողը տանի։

― Բայց դիակը որտե՞ղ կարող է լինել։

― Ահա հենց դրա մասին էլ ես մտածում եմ ու չեմ հասկանում։ Եթե հնդկացիները սպանած լինեին, ինձ ամենևին չէր զարմացնի, որ դիակը կորել է։ Նրանք կարող էին դիակը տանել իրենց հետ։ Բայց այստեղ հնդկացիներ չեն եղել, ոչ մի կարմրամորթ չի եղել։ Հավատացեք ինձ, մայոր, որ այդ երկու ձիավորներից մեկը մյուսին սպանել է։ Բայց ի՞նչ է արել դիակը, ահա այս չեմ հասկանում։ Եվ երևի միայն նա ինքը կարող է ասել այդ։

― Անչափ տարօրինակ է,― գոչեց մայորը,― չափազանց հանելուկային։

― Գուցե թե դեռ մեզ հաջողվի լուծել այդ հանելուկը,― շարունակեց Սպենգլերը։― Հարկավոր է գտնել ձիերի հետքերը սպանության տեղից նրանց հեռանալուց հետո։ Գուցե և հաջողվի որևէ բան իմանալ․․․ Այստեղ մենք այլևս անելիք չունենք։ Եկեք վերադառնանք, մայոր։ Հարկավո՞ր է ասել նրան։

― Միստր Պոյնդեքստերի՞ն։

― Այո։

― Դու համոզվա՞ծ ես, որ նրա որդին սպանված է։

― Օ՜, ոչ։ Ես այդ չեմ կարող պնդել։ Ես համոզված եմ միայն, որ ծերունի Պոյնդեքստերն այստեղ կգա այն ձիերից մեկին հեծած, որոնք ոճրագործությանը վկա են եղել, այսինքն ամերիկյան ձիու վրա։ Ես համեմատել եմ հետքերը։ Եվ եթե երիտասարդ Պոյնդեքստերը հենց այդ ձին է հեծած եղել, ապա վախենում եմ, որ նրան կենդանի տեսնելու քիչ հույս կա։ Շատ է կասկածելի, որ երկրորդ ձիավորը նրա ետևից է գնալիս եղել։

― Սպենգլեր, որևէ ենթադրություն ունե՞ս դու, թե ով է եղել այդ երկրորդ ձիավորը։

― Ոչ մի։ Եթե ծերունի Դոֆերի պատմածը չլիներ, Մորիս մուստանգերը երբեք իմ միտքը չէր գա։ Ճիշտ է, սա պայտած մուստանգի հետք է, բայց ես չեմ կարող երաշխավորել, թե դա հենց իսկը նրա մուստանգն է։ Հազիվ թե․․․ Երիտասարդ իռլանդացին, ճիշտ է, վիրավորանք տանել չի կարող, բայց ինձ թվում է նա այն մարդկանցից չէ, որոնք սպանում են դավադրաբար։

― Կարծում եմ դու իրավացի ես։

― Դե ուրեմն, եթե երիտասարդ Պոյնդեքստերը սպանված է, և նրան սպանել է Մորիս Ջերալդը, ուրեմն նրանց միջև երևի ազնիվ մենամարտ է եղել, և ագարակատիրոջ որդին պարտվող կողմն է եղել։ Ահա թե ինչպես եմ հասկանում ես։ Բայց ահա դիակի անհետացումը ինձ փակուղու մեջ է գցում․ չէ՞ որ ոչ մի մարդ երկու կվարտ[53] արյուն կորցնելուց հետո կենդանի մնալ չէր կարող։ Հարկավոր է հետքերով առաջ գնալ։ Գուցե և նրանք մեզ կհասցնեն հանելուկի լուծմանը․․․ Ծերունուն ասե՞լ, թե ինչ եմ մտածում ես։

― Ո՛չ, կարծում եմ չարժե։ Նա արդեն բավական շատ բան է իմանում։ Նրա համար ավելի հեշտ կլինի այդ սոսկալի ճշմարտությանը հասնել աստիճանաբար։ Մեր տեսածի մասին նրան ոչինչ մի՛ ասիր։ Վերադարձիր այնտեղ, որտեղ արյունը տեսանք, և որոնիր վերադարձի հետքերը, իսկ ես կաշխատեմ ջոկատը քո ետևից բերել այնպես, որ ոչ ոք ոչինչ չնկատի։

― Շատ լավ, մայոր,― ասաց հետախույզը։― Ինձ թվում է ես գլխի եմ ընկնում, թե ուր կտանի վերադարձի հետքը։ Դրա համար ինձ մի տասը րոպե ժամանակ տվեք և ճանապարհ ընկեք իմ ազդանշանով։

Այս ասելով Սպենգլերը վերադարձավ արյան լճի մոտ։ Այնտեղ մի թռուցիկ զննումից հետո շուռ եկավ դեպի կողքի բացատը։

Պայմանավորված պահին հնչեց նրա սուր սուլոցը։ Ձայնի հեռավո-րությունից կարելի էր հասկանալ, որ հետախույզը համարյա մի ամբողջ մղոն հեռացել է և այժմ գտնվում է սոսկալի ոճիրի տեղից բավական հեռու։

Ազդանշանը լսելուն պես մայորը, որն արդեն վերադարձել էր իր ջոկատի մոտ, շարժվելու հրաման տվեց։ Նա գնում էր ծերունի Պոյնդեքստերի և մի քանի ուրիշ հարուստ ագարակատերերի հետ, բայց հետախույզի առեղծվածային հայտնությունների մասին ոչ մեկին ոչինչ չասաց։

Գլուխ XL․ Դրոշմված գնդակը

Նախքան ջոկատը կհասներ հետախույզին, տեղի ունեցավ մի փոքրիկ դեպք։ Մայորն իր մարդկանց տանում էր ոչ թե բացատով, այլ անտառի կարճ ճանապարհով։ Այդ ճանապարհը պատահաբար չէր ընտրված․ մայորն ուզում էր հորն ազատել ավելորդ տանջանքներից, խանգարելով նրան տեսնել արյունը, իր որդու արյունը, ինչպես ենթադրում էր հետախույզը։ Զարհուրելի վայրը մի կողմի վրա էր մնացել, բացի մայորից ու հետախույզից, ուրիշ ոչ ոք չգիտեր տխուր հայտնության մասին, և ջոկատն առաջ էր գնում երջանիկ անտեղյակությամբ։ Նրանք հասան մի նեղ շավիղ, որով երկու ձիավոր հազիվ թե կարողանային կողք կողքի գնալ։ Տեղ-տեղ շավիղը լայնանում, բացատ էր դառնում, բայց մի քանի յարդից հետո նորից նեղանում էր և մտնում թփուտի մեջ։

Երբ ձիավորները դուրս եկան բացատներից մեկը, թփուտից մի ինչ-որ գազան դուրս ցատկեց և սկսեց շավիղով փախչել։ Գեղատես գազանի կարմրադեղին մորթը ծածկված էր մուգ բծերի նախշերով։ Նրա ողորկ գլանաձև մարմինը երկար պոչով և ճկուն, ուժեղ ոտքերով թվում էր ուժի ու արագության մարմնացում։ Դա մի հովազ էր, նույնիսկ այդ խուլ անտառներում հազվագյուտ մի գազան։

Որսորդի համար դա խիստ մեծ գայթակղություն էր և, չնայած արշավախումբը շատ տխուր խնդիր ուներ, երկու հոգի կրակեցին փախչող գազանի ետևից։

Դրանցից մեկը Կասսի Կոլհաունն էր, մյուսը՝ նրա կողքով գնացող մի երիտասարդ ագարակատեր։

Հովազն անշնչացած վայր ընկավ, գնդակը գիշատիչի ողնաշարին էր դիպել։

Երկուսից որի՞ն էր պատկանում հաջողակ կրակոցի պատիվը։ Երկուսն էի և՛ Կոլհաունը, և՛ երիտասարդ ագարակատերը, իրենց էին վերագրում։ Նրանք միաժամանակ էին կրակել, բայց նշանին դիպել էր միայն մեկի գնդակը։

― Ես այդ կապացուցեմ,― վստահորեն ասաց պաշտոնաթող կապիտանը ձիուց իջնելով։

Մոտենալով սպանված հովազին՝ նա իր դանակը հանեց և ներկաներին դառնալով ասաց․

― Գնդակը գտնվում է կենդանու մարմնի մեջ, այդպես չէ՞, ջենտլմեննե՛ր։ Եթե գնդակն իմն է, նրա վրա պետք է լինեն իմ անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «Կ․ Կ․» կիսալուսնի նշանով։ Իմ գնդակները հատուկ պատվերով են պատրաստված, և ես միշտ էլ կարող եմ իմանալ որն է իմ սպանած որսը։

Կոլհաունը պարծենկոտ ձևով բարձրացրեց դուրս հանած գնդակը դժվար չէր հասկանալ, որ նա ճիշտ էր ասել։ Հետաքրքրասերները մոտեցան նայելու․ գնդակի վրա, իրոք, դրոշմված էին Կոլհաունի անվան սկզբնատառերը, և այդպիսով վեճը վերջացավ ո՛չ երիտասարդ ագարա-կատիրոջ օգտին։

Դրանից քիչ հետո ջոկատը մոտեցավ այն տեղին, որտեղ հետախույզն էր սպասում, որը և նրանց առաջ տարավ։

Այստեղ արդեն երկու պայտած ձիու հետքեր չկային։ Կարելի էր տեսնել միայն մեկ ձիու հետք, բայց այն էլ այնքան քիչ էր նկատելի, որ տեղ-տեղ կարող էր նշմարել միայն հետախույզը։

Այդ հետքն անցնում էր թփուտների միջով, երբեմն-երբեմն դուրս էր գալիս բացատը և, վերջապես, մի շրջան գործելով նրանց հասցրեց հենց նույն բացատը, միայն մի քիչ ավելի հեռու դեպի արևմուտք։

Թեպետև Սպենգլերն առաջնակարգ հետախույզ չէր, բայց և այնպես այդ հետքով այնքան արագ էր առաջ գնում, որ մյուսները հազիվ էին հասնում նրա ետևից։

Նա արդեն գլխի էր ընկնում, թե ինչ ձի է թողել այդ հետքը։ Նա գիտեր, որ դա հենց այն մուստանգն է, որը կանգնած է եղել կաղամախու տակ, երբ նրա տերը սիգար է ծխել, այն նույն մուստանգը, որի սմբակների խոր հետքերը մնացել են մարդկային արյունով ներկված հողի վրա։

Քանի դեռ հետախույզը մենակ էր, անցել էր նաև ամերիկյան ձիու հետքով։ Եվ հասկացել էր, որ այդ հետքը ետ է տանում դեպի պրերիա, որով իրենք եկել են այստեղ, և ապա երևի գնում է դեպի Լեոնայի ափի ագարակները։

Բայց մուստանգի հետքը կարծես շատ ավելի բան էր խոստանում, և Սպենգլերը նորից զբաղվեց նրանով։ Այդ հետքը կարող էր հասցնել արյունոտ հանելուկի լուծմանը կամ գուցեև հենց մարդասպանի որջը։

Սակայն այս հետքն էլ հետախույզին պակաս չէր մտահոգում, քան երկու ձիերի իրար ծածկող հետքերը։

Այս հետքը ուղիղ գծով չէր ձգվում, ինչպես սովորաբար լինում է, երբ ձիուն վարում է հեծյալը․ այն մերթ այս ու այն կողմ էր թեքվում, մերթ օղակ էր կազմում, մերթ գնում էր ուղիղ, երբեմն էլ պտույտներ էր գործում, կարծես մուստանգի վրա հեծյալ չի եղել, կամ թե հեծյալը թամբի վրա քնած է եղել։

Կարո՞ղ էր այդպիսի հետք ունենալ մի ձի, որին հեծած արշավել է մի ոճրագործ, շտապելով թաքնվել հենց նոր գործած սպանությունից հետո։

Սպենգլերն այդպես չէր մտածում։ Եվ ընդհանրապես չէր իմանում, թե ինչ մտածի։ Նա բոլորովին շշմել էր և այդ անկեղծորեն ասաց մայորին, երբ վերջինս հարցրեց հետքի բնույթի մասին։

Բայց այն, ինչ շուտով պատկերացավ նրա աչքի առաջ և ինչ միաժա-մանակ տեսան նաև նրա բոլոր ուղեկիցները, ոչ միայն չօգնեց գաղտնիքը բացելու, այլև, ընդհակառակն, այն է՛լ ավելի անբացատրելի դարձրեց։

Դեռ ավելին․ ենթադրություններն ու մտորումները հանկարծ փոխվեցին մի ամենակուլ սարսափի։ Եվ ոչ ոք չէր կարող պնդել, թե դրա հա-մար հիմքեր չկային։

Մի՞թե դուք չէիք սարսափի, եթե տեսնեիք մի ձիավորի, որը հանգիստ նստած է թամբին, ոտքերն ասպանդակների մեջ են, սանձն ամուր բռնել է ձեռքում և առաջին հայացքից նույնպիսի ձիավոր է, ինչպես հարյուրավոր ուրիշները, բայց, երբ ավելի ուշադիր նայեիք, նկատեիք նրա մեջ մի ինչ-որ տարօրինակություն և հանկարծ հասկանայիք, որ այդ ձիավորը․․․ գլո՜ւխ չունի։ Ահա հենց այսպիսի մի տեսարան բացվեց նրանց աչքի առաջ։ Եվ բոլորն էլ միաժամանակ մի կտրուկ շարժումով կանգնեցրին իրենց ձիերը, ասես հանկարծ դեմ առան մի ահավոր անդունդի։ Արեգակն արդեն մայր էր մտնում, նրա հրաշեկ սկավառակը համարյա դիպչում էր խոտերին, և կարմիր ճառագայթները խփում էին մարդկանց աչքերին, կուրացնելով նրանց և թույլ չտալով բան տեսնել։ Այնուամենայնիվ, բոլորը պարզ տեսան, որ իրենց առաջ ծառացած այդ զարմանալի կերպարանքն անգլուխ ձիավոր է։

Եթե ներկա եղողներից միայն մեկը ասեր, թե ինքը անգլուխ ձիավոր տեսավ, նրան երևի կծաղրեին և խելագար կկոչեին։ Նույնիսկ եթե երկուսը պնդեին այդ, երկուսին էլ ցնորված կհամարեին։

Բայց այն, ինչ միաժամանակ բոլորը տեսան, կասկածից դուրս բան էր և, ընդհակառակն, եթե որևէ մեկը փորձեր ժխտել այդ, ապա հենց նրան խելագար կհամարեին։

Բայց ոչ ոք չէր կասկածում։ Բոլորը լարված նայում էին մի կողմի վրա, նայում էին նրան, որը կամ անգլուխ ձիավոր էր, կամ շատ հմտորեն պատրաստված խրտվիլակ։

Արդյո՞ք խրտվիլակ էր այդ։ Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ էր։

Այս հարցը ծագեց բոլորի գլխում միաժամանակ։ Եվ որովհետև ոչ ոք նույնիսկ ինքն իր համար պատասխան գտնել չէր կարող, ապա բոլորը լուռ էին։

Զինվորականներ թե քաղաքացիականներ՝ բոլորը թամբերին նստած սպասում էին բացատրության, որը ոչ ոք տալ չէր կարող։

Լսվում էին միայն սոսկումի ու զարմանքի ճնշված բացականչություններ։ Բայց ոչ ոք ոչ մի բացատրություն տալ չէր կարողանում։

Անգլուխ ձիավորը, իրական էր նա թե ուրվական, հենց այն րոպեին, երբ մարդիկ տեսան նրան, դուրս եկավ ջոկատի կանգնած բացատի դիմացի ծայրը։ Եթե նա իր ուղին շարունակեր, հենց ուղիղ ջոկատի մոտ կգար, եթե, իհարկե, նրանք արիություն ունենային սպասելու նրան։

Բայց անգլուխ ձիավորն էլ համարյա նրանց հետ միաժամանակ կանգ առավ և կարծես նրանց էր նայում նույնպիսի թերահավատությամբ։

Այնպիսի մի լռություն տիրեց, որ լսվում էր խոտերի մեջ ընկնող սիգարի ձայնը։ Ահա հենց այդ պահին էլ շատ թե քիչ քաջասիրտները կարողացան դիտել տարօրինակ ձիավորին, այնինչ շատերը դողում էին սարսափից և կորցրել էին դատելու ամեն մի ընդունակություն։ Բայց և նրանք, ովքեր համարձակվել էին նայել այդ խորհրդավոր պատկերին և ջանում էին հասկանալ, թե ինչ բան է դա, նրանք էլ կուրանում էին մայր մտնող արևի ճառագայթներից։ Նրանց երևաց միայն մի գեղեցիկ, խոշոր ձիու սիլուետ՝ ձիավորը վրան։ Մարդու մարմինը տեսնելն ավելի դժվար էր, որովհետև ծածկված էր թիկնոցի պես մի բանով, որը ծալ-ծալ կախվել էր թիկունքից։

Բայց այս ամենն ի՞նչ նշանակություն ուներ, եթե ձիավորը գլուխ չուներ։ Անգլուխ մարդը նստել է ձիուն գեղեցիկ դիրքով, նրա կրունկներին փայլփլում են խթանները, մի ձեռքով սանձափոկն է բռնել, մյուսը, ինչպես ընդունված է, ազատ դրված է ազդրին։

Այս ի՞նչ բան է։ Տեսիլք չէ՞ արդյոք։ Մի՞թե սա կարող է կենդանի մարդ լինել։

Այս տեսարանին նայողներն այնպիսի մարդիկ էին, որոնք ո՛չ ուրվականների էին հավատում, ո՛չ գերբնական տեսիլքների։ Նրանցից շատերը շատ անգամ էին վայրի թավուտներում պայքարել բնության դաժան ու անակնկալ քմահաճույքների դեմ։ Այդպիսի մարդիկ տեսիլքների չէին հավատա։

Բայց և այնպես այդքան արտասովոր մի երևույթ տեսնելով՝ նույնիսկ ամենաողջամիտ մարդիկ սկսեցին կասկածել, թե դա իրականություն է և իրենք իրենց մրմնջում էին․

«Սա տեսիլք է։ Իհարկե, սա մարդ լինել չի կարող»։

Անգլուխ ձիավորի մեծությունը հաստատում էր այն ենթադրությունը, որ․ իրենց առաջ գերբնական մի երևույթ է։ Նա երկու անգամ ավելի մեծ էր թվում սովորական ձիուն նստած սովորական մարդուց։ Ավելի շուտ նման էր վիթխարի ձի հեծած հսկայի։ Հնարավոր է, որ դա խաբուսիկ տպավորություն էր և բացատրվում էր արեգակի ճառագայթների բեկումով, որոնք հորիզոնական դիրքով անցնում էին շիկացած հարթության վրա տատանվող օդի միջով։

Բայց հիմա դատողությունների ժամանակ չէր, նույնիսկ ժամանակ չկար ինչպես հարկն է դիտելու այդ հրեշավոր տեսիլքը, որին ներկա եղողները հառել էին իրենց հայացքը՝ ձեռքերն աչքերին հովանի արած կուրացուցիչ արևից։

Ոչ ձիավորի հագուստի գույնը կարելի էր նշմարել, ոչ էլ ձիու։ Երևում էին միայն նրա մարմնի գծագրությունները՝ սև ուրվագիծ՝ երկնքի ոսկեփայլ ֆոնի վրա։ Բայց որ կողմի վրա էլ շուռ էր գալիս, էլի նույն անբացատրելի երևույթն էր անգլուխ ձիավոր։

Այս ի՞նչ բան է։ Տեսիլք չէ՞ արդյոք։ Մի՞թե սա կարող է կենդանի մարդ լինել։

― Սա ինքը սատանան է՝ ձիու վրա նստած,― հանկարծ գոչեց շատ բան տեսած սահմանային բնակիչներից մեկը, որին ոչ մի բանով վախեցնել չէր կարելի։― Երդվում եմ, որ սա ինքը՝ սատանան է։

Նրա չոր քրքիջը, որին միացավ թունդ հայհոյանքը, ավելի վախեցրեց վեհերոտներին և կարծես ազդեցություն գործեց նաև անգլուխ ձիավորի վրա։ Նա կտրուկ շուռ տվեց իր ձիու գլուխը, և ձին վայրի վրնջոցով սլացավ հեռու։

Անգլուխ ձիավորը սլանում էր ուղիղ դեպի արևը և շուտով անհետացավ, ասես մտավ արևի շողշողուն սկավառակի մեջ։

Գլուխ XLI․ Չորս ձիավոր

Մայորի գլխավորած ձիավորների ջոկատը միակը չէր, որ այդ նշանավոր առավոտը դուրս եկավ Ինջ ամրոցից։

Նրանից էլ շատ առաջ, համարյա լուսաբացին, նույն ուղղությամբ դեպի Նուեսես գետը ճանապարհ էր ընկել մի ուրիշ փոքրիկ ջոկատ՝ բաղկացած չորս հոգուց։

Հազիվ թե սա դուրս եկած լիներ Հենրի Պոյնդեքստերի դիակը որոնելու։ Այդ վաղ ժամին դեռ ոչ ոքի մտքով էլ չէր անցնում, թե պատանին սպանվել է կամ թեկուզ կորել։ Առանց հեծյալի ձին տխուր լուրը դեռ չէր բերել։ Ավանը քնած էր առանց իմանալու, որ անմեղ արյուն է թափվել։ Չնայած երկու ջոկատն էլ դուրս էին եկել միևնույն տեղից և գնում էին նույն ուղղությամբ, բայց նրանց միջև ոչ մի ընդհանուր բան չկար։ Նրանք, որ ավելի վաղ էին ճանապարհ ընկել, իսպանացիներ էին, ավելի ճիշտ՝ նրանց երակներում իսպանական արյունը խառն էր ացտեկական արյան հետ, այլ խոսքով ասած՝ դրանք մեքսիկացիներ էին։

Այս նկատելու համար մի առանձին գիտելիք ու դիտողականություն հարկավոր չէր բավական էր միայն նայել նրանց։ Ձի նստելու ձևը, նեղ ազդրերը, որ առանձնապես նկատելի էր թամբերի բարձրության պատճառով, ուսերին գցած վառ գույնի սերապեները, թավշյա շալվարները, կրունկների խոշոր խթանները և, վերջապես, լայնեզր սև սոմբրերոները, այս ամենը ցույց էին տալիս, որ նրանք մեքսիկացիներ են կամ թե մեքսիկացու սովորույթներ յուրացրած մարդիկ։

Բայց այս չորս ձիավորներն անվիճելիորեն մեքսիկացիներ էին։ Թուխ մաշկը, սև, կարճ խուզած մազերը, սրածայր մորուքը, դեմքի կանոնավոր ձվաձևությունը, այս ամենը բնորոշ են իսպանաացտեկական տիպի մարդկանց, որոնք այժմ ապրում են Մոնթեսումայի[54] հնադարյան երկրում։

Ձիավորներից մեկը շատ ավելի ամրակազմ մարդ էր, քան իր ընկերները։ Նրա ձին մյուսներից լավն էր, հագուստը ավելի շքեղ, զենքը՝ ավելի նուրբ աշխատանք էր, և ընդհանրապես ամեն ինչից երևում էր, որ սա այս չորս մարդու մեջ գլխավորն է։

Նա կլիներ մոտ քառասուն տարեկան, թեև այտերի ողորկ մաշկի և խնամքով խուզած այտմորուսների շնորհիվ ավելի երիտասարդ էր թվում։ Նրան նույնիսկ գեղեցիկ կարելի էր համարել, եթե չլինեին պաղ ու ծանր հայացքը և դեմքի մռայլ արտահայտությունը, որ ցույց էր տալիս նրա բնավորության կոպտությունն ու դաժանությունը։ Նույնիսկ ճերմակ ատամների երկու հավասար շարքերով գեղեցիկ գծագրությամբ բերանի ժպիտը չէր կարող ջնջել այդ տպավորությունը․ նրա մեջ մի ինչ-որ դիվային բան կար։

Արտաքինի համար չէր, որ ընկերները նրան կոչել էին Տեխասում լավ հայտնի գազանի անունով։ Էլ Կոյոտ աննախանձելի մականունը նա ստացել էր իր բնավորության և վարքուբարքի համար։

Ինչպե՞ս էր պատահել, որ էլ Կոյոտն այդպես վաղ առավոտյան ճամփա էր գնում պրերիայով, ըստ երևույթին բոլորովին ուշքը գլխին, այն էլ մի փոքրիկ ջոկատի գլուխ անցած։ Չէ՞ որ ընդամենը մի քանի ժամ առաջ նա հարբած ընկած էր իր խրճիթում և ոչ միայն չկարողացավ մար-դավարի ընդունել իր հյուրին, այլև կարծես չհասկացավ էլ, թե իր մոտ մարդ է եկել։

Այս անսպասելի է որոշ չափով տարօրինակ փոփոխությունն այնքան էլ դժվար չէ բացատրել։ Բավական է պատմել, թե ինչ էր տեղի ունեցել այն պահից, երբ Կոլհաունը հեռացել էր նրա մոտից մինչև մեր հանդիպումը Էլ Կոյոտի և իր երեք հայրենակիցների հետ։

Հեռանալիս Կոլհաունը խրճիթի դուռը չծածկեց և այն բաց մնաց մինչև առավոտ, իսկ Էլ Կոյոտը շարունակեց քնել։

Լուսաբացին նա արթնացավ ցրտից ու խոնավությունից։ Դա նրան մի քիչ ուշքի բերեց։ Անկողնից վեր թռչելով սկսեց երերալով քայլել խրճիթում, նզովելով ցուրտը և դուռը, որ ներս էր թողել այդ ցուրտը։

Կարելի էր մտածել, թե նա իսկույն կծածկի դուռը, բայց այդպես չարեց։ Դուռը միակ անցքն էր, որտեղից լույս էր ներս թափանցում, եթե չհաշվենք հին պատերի ճեղքերը, իսկ լույսը հարկավոր էր կատարելու համար իր մտադրությունը, որի համար վեր էր կացել։

Բայց բաց դռան միջով ներս թափանցող վաղորդյան աղոտ լույսը դեռ թույլ էր լուսավորում խրճիթը, էլ Կոյոտը սայթաքելով ու հայհոյանք տեղալով դեսուդեն էր ընկնում, մինչև որ գտավ այն, ինչ որոնում էր․ դա դդմե մի մեծ աման էր, որի մեջ տերը ջուր էր պահում, երբեմն էլ ոգելից խմիչք։

Երբ մեքսիկացի ջրամանի բերանը բացեց, շուրջը տարածվող հոտը ցույց տվեց, որ վերջերս նրա մեջ օղի է եղել։ Բայց տիրոջ կատաղի հայհոյանքից երևաց, որ այժմ այն դատարկ էր։

― Գրող ու ցա՛վ,― գոչեց նա չարությամբ թափահարելով ջրամանը, որպեսզի լրիվ համոզվի, որ մեջը ոչինչ չկա։― Ո՛չ մի կաթիլ։

Լուն էլ չի խեղդվի սրա մեջ։ Իսկ լեզուս ատամներիս է կպչում։ Կոկորդս այրվում է, ասես մեջը մի ամբողջ թավա շեղջ են լցրել։ Գրո՛ղը տանի։ Էլ համբերել չեմ կարող։ Ի՞նչ անեմ։ Արդեն լուսանում է։ Ստիպված եմ ավան գնալ։ Գուցե սինյոր Դոֆերն արդեն բացել է իր որոգայթը վաղ արթնացող թռչուններ որսալու համար։ Եթե այդպես է, ուրեմն առաջինը Կոյոտը կներկայանա նրան։

Հրամանի փոկը ուսը գցելով և սերապեն թիկունքին՝ Էլ Կոյոտը ճանապարհ ընկավ դեպի ավան։

Հյուրանոցը նրա խրճիթից ընդամենը մի քանի հարյուր յարդ էր հեռու, գետի նույն ափին։ Այդ ճանապարհը նրան այնքան էր ծանոթ, որ աչքերը կապած էլ կարող էր գնալ։ Քսան րոպեից հետո նա արդեն երերալով մոտենում էր «Բարի գալուստ» ցուցանակին։

Նրա բախտը բերեց Օբերդոֆերը պանդոկում սպասարկում էր վաղաժամյա հյուրերին՝ մի քանի զինվորի, որոնք գաղտնի դուրս էին եկել զորանոցից, որպեսզի քնից հետո կոկորդները թրջեն։

― Մայն գո՜տ, միստր Դիա՜զ,― ասաց պանդոկի տնօրենը ողջունելով նոր հյուրին և առանց քաշվելու թողնելով իր վեց այցելուներին, որոնք ապառիկ էին խմում, որպեսզի սպասարկի մեկին, որը, նա գիտեր, կանխիկ էր վճարելու։― Մայն գո՜տ։ Այդ դո՞ւք եք այդպես վաղ ոտքի վրա։ Ես գիտեմ ինչ է ձեր ուզածը։ Դուք ուզում եք, որ ես ձեր դդմե ջրամանը լցնեմ այն մեքսիկական ագ․․․ ագ․․․ ինչպես եք կոչում դուք այդ խմիչքը․․․

― Ագվարդիենտե[55]։ Դուք լավ եք հասկացել, կաբալերո։ Հենց այդ է իմ ուզածը։

― Մեկ դոլար։ Դա մեկ դոլար արժե։

― Կարամբա՛։ Ես այնքան հաճախ եմ վճարել, որ գինը լավ գիտեմ։ Ահա ձեզ փողը, ահա և ամանը։ Լցրեք, միայն թե շուտ։

― Դուք շտապո՞ւմ եք, հերր Դիազ։ Ես ձեզ շատ չեմ պահի։ Երևի գնում եք մուստանգների պրիերա՞ն։ Վախենում եմ, որ իռլանդացին ձեր առաջն է ընկել։ Դեռ գիշեր էր, որ նա գնաց։ Իմ տանից նա հեռացավ կեսգիշերից հետո․ դա իսկի ճամփա գնալու ժամ չէ։ Բայց տարօրինակ մարդ է այդ մուստանգերը, միստր Մորիս Ջերալդը։ Ոչ ոք երբեք չի կարող իմանալ, թե ինչ կարելի է սպասել նրանից։ Բայց ես նրա դեմ ոչինչ չունեմ։ Նա լավ կենվոր էր, իր մեծ գումարի տալիքը վճարեց ինչպես մի հարուստ մարդ, և էլի ինչքա՜ն փող մնաց նրան։ Մայն գոտ, նրա գրպանները լիքն էին դոլարներով։

Մեքսիկացուն շատ հետաքրքրեց այն տեղեկությունը, որ իռլանդացին գնացել է «մուստանգների պրերիան», ինչպես Օբերդոֆերն ասաց։ Իր այդ հետաքրքրությունը նա արտահայտեց նախ զարմանքի մի թեթև բացականչությամբ, իսկ հետո անհամբերությամբ, որ երևում էր նրա բոլոր շարժումներում, երբ լսում էր գերմանացու շատախոսությունը։

Բայց նա աշխատեց թաքցնել իր հուզմունքը։ Օբերդոֆերին հարցուփորձ անելու փոխարեն, նա անփույթ տեսքով պատասխանեց․

― Այդ ինձ չի վերաբերում, կաբալերո։ Պրերիայում մուստանգ շատ կա, բոլորին կբավականացնի։ Շտապեցեք, սինյոր, տվեք իմ ագվարդիենտեն։

Փոքր-ինչ վշտանալով, որ իրեն բամբասելու հնարավորություն չտրվեց, գերմանացին արագ լցրեց դդմի ջրամանը։ Այլևս խոսակցությունը շարունակելու փորձ չանելով նա ամանը մեկնեց մեքսիկացուն, դոլարը վերցրեց ու գցեց դրամարկղը և վերադարձավ զինվորների մոտ, որոնք ավելի զրուցասեր էին, որովհետև ապառիկ էին խմում։

Չնայած ծարավին՝ Դիազը պանդոկից դուրս եկավ առանց իր ամանը բացելու և նույնիսկ ասես մոռանալով նրա գոյությունը։

Այժմ նրա միտքն զբաղեցնում էր մի ուրիշ բան, որ խմելու ցանկությունից ավելի ուժեղ էր։ Նա միանգամից իր տուն չգնաց, այլ նախ մտավ ավանի ծայրին գտնվող երեք խրճիթները, որոնց մեջ ապրում էին իր պես հեշտ վաստակի սիրահարներ, և միայն դրանից հետո ուղղվեց դեպի իր խրճիթը։

Վերադառնալիս էլ Կոյոտը պայտած ձիու հետքեր նկատեց և տեսավ, որ այդ ձին իր խրճիթի մոտ կապված է եղել ծառից։

― Կարամբա՛։ Այս գիշեր ամերիկացի կապիտանն այստեղ է եղել։ Գրողը տանի։ Ես աղոտ կերպով ինչ-որ բան եմ հիշում, Բայց ինձ թվում էր, թե երազում եմ տեսել։ Գլխի եմ ընկնում, թե նա ինչու է այստեղ եկած եղել․ երևի, իմացել է, որ դոն Մորիսիոն գնալու է։ Կարծում եմ, երբ մտածի, թե ես արթնացած կլինեմ, նորից կգա այստեղ։ Հա՛-հա՛-հա՛։ Առանց նրան էլ ամեն ինչ կարվի։ Նրա ցուցումներն ինձ հարկավոր չեն։ Հազար դոլա՜ր։ Ա՛յ դա փող է։ Հենց որ այդ փողն ստանամ, կգնամ Ռիո Գրանդե և կփորձեմ Իսիդորայի հետ գործը դրստել։

Այս մենախոսությունից հետո Էլ Կոյոտն իր խրճիթում մնաց այնքան ժամանակ, որքան հարկավոր էր մի քանի կտոր տապակած միս ուտելու և վրան էլ ագվարդիենտե կուլ տալու համար։ Հետո նա բռնեց ու թամբեց իր ձին, ահագին խթաններ ամրացրեց կրունկներին, թամբին կապեց փոքրիկ կարաբինը, երկու ատրճանակ գոտին խրեց, կախեց կաշվե պատյանով դաշույնը և, ձիու վրա նետվելով, արագ սլացավ առաջ։

Նախքան պրերիա մտնելը նա նորից գնաց ավանի ծայրը և այնտեղ սպասեց այն ձիավորներին, որոնք պետք է ուղեկցեին իրեն, և որոնց նա արդեն նախազգուշացրել էր, որ մի գաղտնի գործում նրանց օգնությունն իրեն պետք է լինելու։

Թվում էր, որ Էլ Կոյոտի երեք ընկերներն արդեն գիտեին նրա ծրագիրը։ Համենայնդեպս նրանք գիտեին, որ գործը կատարվելու է Ալամոյի ափերին։ Երբ ճանապարհի սկզբին Դիազը շուռ եկավ մի կողմի վրա, նրանք ձայն տվին, թե նա ճիշտ ճանապարհով չի գնում։

― Ես Ալամոն լավ գիտեմ,― ասաց նրանցից մեկը, որ նույնպես մուստանգեր էր։― Այնտեղ շատ անգամ եմ ձի որսացել։ Դա այստեղից դեպի հարավ-արևմուտք է։ Այնտեղ տանող ամենակարճ ճանապարհն անցնում է այ, այն բացատով։ Դուք խիստ շատ եք դեպի արևմուտք թեքվում, դոն Միգուել։

― Մի՞թե,― արհամարհանքով ասաց Դիազը։― Դուք երևի ամերիկա-ցի՞ եք, սինյոր Վիսենտե Բարահո։ Դուք մոռանում եք, որ մեր ձիերը պայտած են։ Հնդկացիներն Ինջ ամրոցից ուղիղ Ալամո չեն գնում, որպեսզի հուսով եմ՝ դուք հասկանո՞ւմ եք ինձ։

― Ճշմարիտ,― պատասխանեց Բարահոն։― Ներողություն եմ խնդրում, դոն Միգուել։ Կարամբա՛։ Ես դրա մասին չեմ էլ մտածել։

Այլևս առանց առարկություններ անելու Էլ Կոյոտի երեք գործակից-ները հետևեցին նրան։ Նրանք գնում էին լուռ, մինչև որ, վերջապես, ան-տառ հասան մի քանի մղոն հեռու այն բացատից, որի մասին խոսում էր Բարահոն։

Անտառի ծածկույթի տակ մտնելով՝ չորսն էլ ձիերից իջան և նրանց կապեցին ծառերից դրանից հետո նրանք գործի անցան, որը կարելի է համեմատել նրա հետ, ինչ կատարվում է գավառական թատրոնի կուլիսների ետևում վայրենիների կյանքից մի մելոդրամայի ներկայացում տալուց առաջ։

Գլուխ XLII․ Անգղերը հավաքվում են

Պրերիայի գլխին պտտվող անգղերի երամները սովորական բան են հարավային Տեխասի համար, և նա, ով ճանապարհորդել է այնտեղով, իհարկե, տեսել է այդ պատկերը։ Հարյուրներով մի երամի մեջ հավաքվելով՝ նրանք լայն շրջաններ են գործում երկնքում կամ թռչում են պտուտակաձև, մերթ իջնում են այնքան, որ համարյա խոտերին են քսվում, մերթ հանկարծ թևերն անշարժ փռած սլանում են վեր, և երկնքի ֆոնի վրա պարզ երևում են նրանց ատամնավոր գծագրությունները։

Այդ տեսարանն առաջին անգամ տեսնող ճանապարհորդն ակամայից կկանգնեցնի իր ձին, որպեսզի դիտի թռչուններին։ Նույնիսկ նա, ում համար անգղերի երամը նորություն չէ, ակամայից կմտածի, ինչի՞ համար են․ հավաքվել այս գիշակերները։

Չէ՞ որ այդ գարշելի թռչուններն իզուր չեն հավաքվում։ Եվ ճանապարհորդը, տեսնի թե չտեսնի, միևնույն է, գիտե, որ գետնի վրա, հենց այնտեղ, ուր պտտվում են գիշակերները, մի սատկած կենդանի է ընկած, կամ գուցե և մեռած կամ մեռնող մարդ։

*  *  *



Այն մռայլ գիշերից հետո, երբ երեք ձիավորները կտրեցին-անցան հարթությունը, առավոտյան այդ պատկերը կարելի էր տեսնել նույն մացառուտի գլխին, ուր մտել էին ձիավորները։ Սև անգղերի երամը ծառերի գլխին պտույտներ էր գործում հենց այնտեղ, որտեղ բացատը թեքվում էր մի կողմի վրա։

Լուսաբացին դեռ ոչ մի անգղ չէր երևում։ Բայց արևածագից մի ժամ էլ չանցած հարյուրավոր անգղեր արդեն թևերը լայն փռած ճախրում էին այստեղ, և նրանց սև ստվերները սահում էին անտառի վառ կանաչի վրայով։

Տեխասցին այս բացատն ընկնելով և անգղերի չարագույժ երամը տեսնելով իսկույն կհասկանար, որ այստեղ մահ է տեղի ունեցել։

Մի քիչ առաջ գնալով նա կգտներ իր այդ ենթադրության հաստատումը արյան լիճը, որ կոխկրտել էին ձիերի սմբակներից։

Բայց գիշակերներն այդ լճի վրա չէին պտտվում։ Նրանց գործած շրջանի կենտրոնը մի քիչ ավելի հեռու էր, անտառի մեջ, և երևի այնտեղ էլ գտնվում էր նրանց հրապուրող որսը։ Այդ վաղ ժամին ոչ մի ճամփորդ չկար․ ո՛չ տեխասցի, ո՛չ օտարական, որպեսզի ստուգեր այս ենթադրության ճշմարտությունը, բայց և այնպես դա ճշմարտություն էր։

Անտառում, արյան լճից մի քառորդ մղոն հեռու ընկած էր այն, ինչ գրավում էր գիշակերների ուշադրությունը։ Բայց դա գազան չէր, այլ մարդ, մի գեղեցիկ պատանի, որի գեղեցիկ դեմքը չէր աղճատել նույնիսկ մահը։

Բայց արդյոք մեռա՞ծ էր նա։

Առաջին հայացքից թվում էր, թե մեռած է, և սև թռչուններն էլ նրան մեռած էին համարում։ Այդ բանում նրանց համոզում էին մարդու անշարժությունը և անբնական դիրքը։

Նա պառկած էր մեջքի վրա, գլուխը ետ տված և երեսը չէր ծածկել արևից։ Նրա ձեռքերն ու ոտքերն անշարժ մեկնված էին քարքարոտ գետնին, ասես նա կորցրել էր իր ձեռ ու ոտքին տիրապետելու ընդունակությունը։

Ոչ հեռու կանգնած էր մի վիթխարի կաղնի, բայց պատանին պաշտպանված չէր նրա ստվերով, նա պառկած էր այդ սաղարթախիտ վրանի սահմաններից դուրս, և արեգակի ճառագայթները, որ հենց նոր էին սկսել թափանցել թավուտի մեջ, սահում էին նրա գունատ դեմքի վրայով, որն ավելի գունատ էր թվում միայն ճակատը թեթևակի ծածկող սպիտակ պանամայի փայլից։

Մահը չէր աղճատել նրա դիմագծերը, բայց նա ավելի քիչ էր նման քնածի։ Աչքերը կիսաբաց էին, և թարթիչների տակից երևում էին ապակենման լայնացած բիբերը։

Մեռա՞ծ էր արդյոք նա։

Անկասկած՝ սև անգղերը նրան մեռած էին համարում։

Բայց նրանք սխալվում էին։

Արդյոք արևի շողն արթնացրեց պատանուն՝ ընկնելով նրա կիսաբաց աչքերի մեջ, թե՞ հանգիստը վերականգնեց նրա ուժերը, այսպես թե այնպես նա տեղում շարժվեց և աչքերը լայն բացեց։

Շուտով նա փոքր-ինչ բարձրացավ և, արմունկի վրա հենվելով, տարակուսանքով նայեց շուրջը։

Անգղերը վեր սլացան օդում և միառժամանակ այլևս չէին իջնում։

― Մեռա՞ծ եմ արդյոք, թե՞ կենդանի,― շշնջաց պատանին։― Երա՞զ է սա, թե՞ իրականություն։ Ի՞նչ բան է սա։ Որտե՞ղ եմ ես։

Արևի լույսը կուրացնում էր նրան։ Նա ձեռքը հովանի արեց աչքերին, բայց էլի ամեն ինչ մշուշապատ էր տեսնում։

― Իմ վերևը ծառեր են, շուրջս՝ ծառեր․․․ տակս կարծես քարեր են։ Իզուր չէ, որ բոլոր ոսկորներս ցավում են։ Անտառի թավուտ է։ Ինչպես եմ ես այստեղ ընկել։ Ա՛, հիշեցի,― ասաց նա մի պահ մտածելուց հետո։― Գլուխս ծառին դիպավ։ Ահա ծառը, ահա և այն ճյուղը, որ ինձ ցած գցեց թամբից։ Ձախ ոտքս ցավում է։ Այո՛, հիշում եմ․ ոտքս ծառի բնին դիպավ։ Գրողը տանի․ կարծես կոտրված լինի։

Պատանին փորձեց վեր կենալ։ Բայց չհաջողվեց։ Ցավող ոտքը հրաժարվում էր ծառայել․ վնասվածքից թե հոդախախտումից ծունկն ուռել էր։

― Իսկ որտե՞ղ է սևաթույրը։ Փախել է, իհարկե։ Երևի նա հիմա Կասա դել Կորվոյի ախոռումն է։ Ասենք՝ ինչ տարբերություն, եթե նույնիսկ կողքիս կանգնած լիներ, ես թամբի վրա բարձրանալ չէի կարող․․․ Իսկ նա՞,― ավելացրեց պատանին մի պահ լռելուց հետո։― Օ՜, Աստվա՜ծ իմ․ ի՜նչ տեսարան էր։ Զարմանալի չէ, որ սևաթույրը վախեցել է․․․ Հիմա ես ի՞նչ անեմ։ Ոտքս երևի կոտրված է։ Առանց ուրիշի օգնության տեղից շարժվել չեմ կարող։ Եվ ոչ մի հույս էլ չկա, թե որևէ մարդ այստեղ կգա։ Համենայնդեպս ավելի շուտ չի գա, քան ես կեր կդառնամ այս գարշելի թռչուններին։ Թո՛ւհ, ի՜նչ զզվելի արարածներ են։ Կտուցները մեկնում են, կարծես արդեն ուզում են ուտել ինձ որպես նախաճաշ․․․ Արդյոք երկա՞ր եմ պառկել այստեղ։ Արևն այնքան էլ շատ չի բարձրացել։ Ես թամբին նստեցի լուսաբացին։ Երևի մի ամբողջ ժամ ուշաթափ ընկած եմ եղել։ Գրո՛ղը տանի, վիճակս վատ է․․․ Ցավից երևում է, որ ոտքս կոտրված է, իսկ վիրաբույժ այստեղ չկա։ Քարքարոտ անկողին՝ Տեխասի խուլ թփուտի մեջ։ Այս անտառը քանի՜-քանի մղոն է ձգված․․․ այստեղից դուրս գալու մասին մտածելն իսկ ավելորդ է։ Իսկ մարդ չի գա այստեղ։ Գետնի երեսին՝ գայլեր, երկնքում՝ անգղեր․․․ Եվ ինչպե՞ս եղավ, որ ես սանձը չքաշեցի։ Երևի վերջին անգամ էի թամբին նստում․․․

Պատանու դեմքը մռայլվեց։ Եվ այնքան ավելի էր մռայլվում, որքան ավելի պարզ էր գիտակցում այն վտանգավոր դրությունը, որի մեջ ընկել էր մի հասարակ պատահականությամբ։

Նա նորից փորձեց վեր կենալ, մեծ դժվարությամբ բարձրացավ, բայց իսկույն հասկացավ, որ իրեն ծառայել կարող է միայն մի ոտքը, մյուսի վրա հենվել չէր կարելի։ Ստիպված եղավ նորից պառկել։

Այսպես էլի մի երկու ժամ պառկած մնաց։ Մերթընդմերթ օգնություն էր կանչում։ Վերջապես համոզվելով, որ իրեն ոչ ոք չի լսի, դադարեց գոռալ։

Շատ գոռալը ծարավ առաջացրեց կամ գուցե արագացրեց նրա երևան գալը․ նրա դրության մեջ ծարավ զգալն անխուսափելի էր։

Ծարավը քանի գնում սաստկանում էր, մինչև որ խլացրեց մյուս բոլոր զգացողությունները, նույնիսկ ոտքի ցավը։

― Ես ծարավից կմեռնեմ, եթե այստեղ մնամ,― շշնջում էր վիրավորը։― Հարկավոր է փորձել ջրի հասնել։ Որքան հիշում եմ, այս մոտերքում մի առվակ կա։ Թեկուզ սողալով, թեկուզ չորեքթաթ տալով պետք է հասնեմ նրան։ Բայց ես հենվել կարող եմ միայն մեկ ծնկիս վրա․․․ Միևնույն է, հարկավոր է փորձել։ Որքան ավելի շատ մնամ այստեղ, այնքան ավելի վատ։ Արևն սկսում է դաղել։ Արդեն գլուխս վառում է։ Կարող եմ գիտակցությունս կորցնել, այն ժամանակ՝ գայլերը, անգղերը․․․

Նա ցնցվեց զարհուրելի մտքից և լռեց։

Քիչ հետո վիրավորը նորից սկսեց խոսել․

― Եթե միայն ճանապարհն իմանայի․․․ Լավ եմ հիշում առվակը։ Այն հոսում է կավճային պրերիայի կողմը, այստեղից դեպի հարավ-արևելք։ Փորձեմ այդ կողմը սողալ։ Բարեբախտաբար հիմա կարելի է արևով կողմնորոշվել։ Եթե ինձ հաջողվի ջրին հասնել, գուցե և կարողանամ փրկվել։ Միայն թե ուժերս չդավաճանեն։

Այս ասելով նա սկսեց սողալ մացառուտի միջով։ Իր վնասված ոտքը քարշ տալով նա քարքարոտ գետնի վրայով սողում էր ինչպես ողնաշարը կոտրված մի մողես։

Սողում էր ու սողում․․․

Սա տանջալից շարժում էր, բայց իրեն սպասող վտանգի սարսափն ավելի ուժեղ էր և նրան առաջ էր քշում։

Նա լավ գիտեր, որ անպայման ծարավից կմեռնի, եթե ջուր չգտնի։ Եվ այս միտքը նրան ստիպում էր նորից սողալ։

Նա հաճախ էր ստիպված լինում կանգ առնել ու հանգստանալ, որպեսզի մի քիչ ուժ հավաքի։ Մարդու համար դժվար է առաջ գնալ չորեքթաթ, մանավանդ, եթե մի ոտքը հրաժարվում է ծառայել։

Պատանին առաջ էր շարժվում դանդաղ, ցավից տանջվելով։ Եվ դա ավելի տանջալից էր նրա համար, քանի որ չգիտեր՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ է գնում։ Միայն մահվան սարսափն էր նրան ստիպում շարունակել ճամփան։

Արդեն մոտ քառորդ մղոն սողացել էր վիրավորը, երբ հանկարծ գլխում միտք ծագեց, թե կարող է առաջ գնալու մի ուրիշ միջոց փորձել։

«Գուցե թե ես կարող էի ոտքի կանգնել, եթե մի հենակ ունենայի․․․ Փառք Աստծու, դանակս չեմ կորցրել․․․ ահա և մի հարմար մատղաշ կաղնի»։

Նա գոտկից դուրս քաշեց որսորդական դանակը, ծառը կտրեց և հենակի պես մի բան շինեց, որի վրա կարելի էր հենվել։

Այդ հենակի օգնությամբ պատանին ոտքի կանգնեց և սկսեց կաղալով առաջ շարժվել։

Նա գիտեր, որ ամենավտանգավորն ուղղությունը փոխելն է, ուստի առաջվա պես միշտ դեպի հարավ-արևելք էր գնում։

Դա այնքան էլ հեշտ բան չէր։ Արեգակը, որ նրա միակ կողմնացույցն էր, հասել էր իր ճանապարհի ամենաբարձր կետին, իսկ հարավային Տեխասի լայնությունում տարվա այդ ժամանակ արեգակը կեսօրին համարյա զենիթումն է լինում։ Բացի դրանից պատանին հաճախ ստիպված էր լինում ուղիղ գծից շեղվել, որպեսզի շրջանցի անանցանելի թավուտը։ Ճանապարհը գտնելուն օգնում էր տեղանքի թեթևակի թեքությունը․ նա գիտեր, որ թեքության ուղղությամբ գնալով կարող է ջրի հասնել։

Այսպես քիչ-քիչ առաջ գնալով, հաճախ կանգ առնելով կարճատև դադարի համար, պատանին առաջացավ մի ամբողջ մղոնի չափ և այդտեղ տեսավ գազանների բացած մի շավիղ։ Ճիշտ է, այդ շավիղը հազիվ նկատելի էր, բայց ձգված էր ուղիղ և հավանորեն տանում էր դեպի մի որևէ առվակ, լճակ կամ աղբյուր։

Դրանցից որին էլ հասներ, նա ուրախ կլիներ։ Այլևս ուշադրություն չդարձնելով ո՛չ արևի և ո՛չ թեքության վրա՝ պատանին առաջ շարժվեց այդ շավղով։

Երբեմն-երբեմն նա վերադառնում էր առաջ շարժվելու իր սկզբնական եղանակին՝ չորեքթաթ տալուն, որովհետև հենակին հենված գնալը, շատ հոգնեցուցիչ էր։

Բայց շուտով ուրախությունը փոխվեց հիասթափության․ շավիղը կորչում էր խիտ մացառուտով շրջապատված մի բացատում։ Պատանին, հասկացավ, որ սխալ ուղղությամբ է գնացել։

Որքան էլ ծանր լիներ, ստիպված էր ետ դառնալ, ուրիշ ելք չկար։ Բացատում մնալը հավասար էր ինքնասպանության։

Նա շավղով քարշ եկավ դեպի ետ և անցավ այն կետը, որտեղից մտել էր շավիղ։ Տանջալից ծարավի մղումով վիրավորը լարում էր իր վերջին ուժերը, որոնք րոպե առ րոպե ավելի էին նվազում։

Այն ծառերը, որոնց միջով անցնում էր պատանին, մեծ մասամբ ակացիաներ էին, որոնց արանքներում բուսել էին կակտուսներ և ագավաներ։ Դրանք համարյա բոլորովին չէին պաշտպանում միջօրեի արևի ճառագայթներից, որոնք հեշտությամբ թափանցելով նոսր տերևների միջով՝ վառում էին նրան կրակի պես։

Պատանին քրտինքի մեջ կորել էր, ծարավն ավելի ու ավելի էր տանջում, մինչև որ ուղղակի անտանելի դարձավ։

Հաճախ նրա աչքին էին ընկնում մեզկիթի հյութալի պտուղներ։ Բավական էր միայն ձեռքը մեկներ՝ և կպոկեր։ Բայց պատանին գիտեր, որ դրանք տհաճ քաղցրություն ունեն և ծարավ չեն հագեցնում։ Գիտեր, որ իրեն չի օգնի նաև կակտուսի կամ ագավայի հյութը, որ դառը համ ունի։

Ի լրումն այս ամենի, խեղճ տղան նկատեց, որ վնասված ոտքը բոլորովին դադարում է ենթարկվել իրեն։ Այն ուռել էր անասելի չափով, և ամեն մի քայլն աներևակայելի ցավ էր պատճառում։ Եթե նույնիսկ ինքը ճիշտ ճանապարհով է գնում, ուժերը կբավականացնե՞ն արդյոք առվակին հասնելու։ Եթե ոչ, ապա դա անխուսափելի կործանում է նշանակում։ Մնում էր միայն մեկ բան․ պառկել այստեղ, մացառների մեջ և մեռնել։

Մահը միանգամից չի գա։ Թեև գլխի վերքը և վնասված ծունկն անասելի ցավում էին, բայց նա գիտեր, որ դրանք մահացու չեն։ Նրան սպառնում էր մահը ծարավից, որ ամենատանջալիցն է բոլոր մահերից։

Այո միտքը վիրավորին ստիպեց նորից լարել իր ուժերը։ Եվ, չնայած դանդաղ էր շարժվում և ծանր տառապանք էր կրում, բայց և այնպես Համառորեն առաջ ու առաջ էր գնում։

Իսկ սև անգղերը դեռ ճախրում էին նրա վերևում։ Նրանք արդեն թռել էին մի մղոնից ավելի, բայց ոչ մեկը չէր դադարում հետապնդել։ Նրանց թիվն ավելանում էր․ որսը նկատելով՝ նորանոր գիշակերներ էին միանում երամին։ Եվ թեև որսը դեռ կենդանի էր ու շարժվում էր, թռչունները բնազդով զգում էին, որ նրա վախճանը մոտ է։

Նրանց սև ստվերները նորից ու նորից սահում էին այն շավղի վրա, որով քարշ էր գալիս վիրավորը։ Թվում էր, թե այդ ինքը մահն է ճախրում․․․

Շուրջը քար լռություն էր, անգղերն անաղմուկ էին թռչում և նույնիսկ որս ճաշակելու հույս ունենալով՝ օդը չէին խլացնում իրենց ճիչերով։ Կի-զիչ արևը լռեցրել էր ծղրիդներին ու գորտերին։ Այլանդակ մողեսն անգամ ննջում էր քարի ստվերում։

Միակ ձայնը, որ խախտում էր համր անտառի լռությունը, վիրավորի հագուստի խշրտոցն էր, երբ այն կառչում էր փշփշոտ բույսերին, երբեմն էլ նրա ճիչը, որով նա ապարդյուն օգնություն էր կանչում։

Կակտուսների, ագավաների փշերը չանգռտել էին նրա երեսը, ձեռքերն ու ոտքերը, ոչ մի ողջ տեղ չթողնելով, և արյունը խառնվում էր քրտինքին։

Վիրավորն արդեն մոտ էր հուսահատության, ավելի ճիշտ՝ արդեն հուսահատվել էր։ Կատարելապես ուժասպառ եղած՝ նա մի վերջին անգամ օգնություն կանչելով երեսի վրա ընկավ գետնին, այլևս չհուսալով, թե փրկության հնարավորություն կլինի։

Բայց հավանական է, որ հենց այդ էլ եղավ նրա փրկությունը․ ականջը սեղմվեց գետնին, և նա լսեց մի թույլ ձայն։

Եվ որքան էլ թույլ էր այդ ձայնը, վիրավորը լսեց այն, որովհետև հենց այդ ձայնին էր սպասում այնպես լարված․ դա ջրի քչքչոց էր։

Ուրախությունից մի ճիչ արձակելով նա վեր թռավ և գնաց դեպի այդ ձայնը, ինչպես առողջ մարդ։

Նա իր ինքնաշեն հենակին էր հենվում կրկնապատկված ուժով, և թվում էր, թե նույնիսկ վնասված ոտքը սկսել էր ենթարկվել նրան․ կայտառությունն ու կյանքի սերը պայքարում էին թուլության ու մահվան վախի դեմ։

Կյանքի սերը հաղթանակ տարավ։

Մի տասը րոպեից հետո վիրավորն արդեն վճիտ առվակի մոտ պառ-կած էր կանաչ խոտի վրա և զարմանում էր, թե ինչպե՛ս կարող էր հասարակ ծարավը այդպիսի սոսկալի տանջանք պատճառել։

Գլուխ XLIII․ Գավաթը և շիշը

Այժմ մտնենք մուստանգերի խրճիթը։ Նրա հավատարիմ ծառան էլի նստած է սենյակի մեջտեղը, աթոռակին։ Նրա շունը պառկած է օջախի առաջ, դունչը տաք մոխրի մեջ խրած։

Մարդը և շունը իրարից համարյա նույն հեռավորության վրա են գտնվում, ինչպես և անցյալ անգամ։ Նրանց դիրքն էլ համարյա նույնն է։ Բայց և այնպես խրճիթում մեծ փոփոխություններ են նկատվում։

Երեսին ձիու մորթի քաշած դուռը առաջվա պես կախված է իր ծխնիներից։ Առաջվա պես պատերին փայլում է մուստանգի մորթուց պատրաստված գորգը։ Նույն հասարակ սեղանն է նույն անկողինը, նույն երկու աթոռակը, նույն մորթին, որի վրա սովորաբար քնում է Ֆելիմը։

Բայց մյուս «գույքը», որ առաջ ասես ցուցադրված էր, այժմ չքացել է չի երևում հրացանը, որ կախված էր պատից, չի երևում արծաթե գավաթը, որսորդական եղջյուրը։ Չկան ո՛չ թամբը, ո՛չ սանձը, ո՛չ պարանները, ո՛չ սերապեն։ Գրքերը, թանաքը, գրիչները, թուղթը նույնպես չքացել են։

Կարելի է կարծել, թե հնդկացիները կողոպտել են խրճիթը։

Ասենք՝ ո՛չ, թե չէ Ֆելիմն այդպես անվրդով նստած չէր լինի իր աթոռակին, և նրա գլխին չէր լինի շեկ մազերի խուրձը։

Թեև ամեն ինչ պատերից վերցրած է, բայց բոլոր իրերը մնացել են խրճիթում, միայն թե ուրիշ տեղ են գտնվում։ Հատակին խառնիխուռն ընկած են պարանով կապկպած մի քանի կապոց ու փաթեթ և նրանց մեջ մի կաշվե սնդուկ։ Ըստ երևույթին իրերը հավաքված են առաջիկա տեղափոխության համար։ Չնայած այս տեղափոխություններին՝ վիսկիի խոշոր շիշն առաջվա պես գտնվում է իր սովորական անկյունում։ Ֆելիմն այն ավելի հաճախ է տեսնում, քան սենյակում եղած որևէ մի ուրիշ առարկա, որովհետև որ կողմն էլ նայի հայացքը դառնում է դեպի ուռենու ոստերի մեջ հյուսված այդ ամանը։

― Ա՜, իմ թանկագին գանձ, ահա թե որտեղ ես դու,― ասաց նա երևի քսաներորդ անգամ նայելով շշին։― Ախր քո սքանչելի փորի մեջ երկու կվարտից ավելի կա, իսկ դու կարծես դրանից ոչ մի օգուտ չունես։ Ա՛յ, եթե դրա գոնե մի տասներորդ մասն իմ փորն ընկներ, դա մարսողության համար վնասակար չէր լինի։ Ճիշտ չե՞մ ասում, Թարա՛, ի՞նչ ես կարծում, իմ պառավ շնիկ։

Իր անունը լսելով՝ շունը գլուխը բարձրացրեց և հարցական հայացքով շուրջը նայեց, ասես հարցնում էր, թե ինչ են ուզում իրենից։

Բայց հասկանալով, որ ծառան ինքն իրեն է խոսում, նա նորից պառկեց։

― Կարող ես չպատասխանել, պառա՛վ։ Ես ինքս էլ գիտեմ այդ։ Ճշմարիտ, լավ կլիներ գոնե մի բաժակ կուլ տայի։ Բայց մի կաթիլ, էլ չեմ խմի, քանի որ այդպես է ասել մեր տերը։ Ա՜յ թե լավ տանջվեցի ես այս իրերը կապկպելով, ուղղակի լեզուս կոկորդիս է կպել, ասես փորձել եմ կպչուն ծեփոն կուլ տալ։ Շատ ափսոս, որ միստր Մորիսն ինձանից խոստում է առել շշին ձեռք չտալ։ Եվ հիմա ո՞ւմ է հարկավոր այն։ Ախր նա ինքն ասաց, որ երբ ավանից գա, այստեղ միայն մի գիշեր ենք մնալու։ Երկու կվարտը նա հո մի երեկոյում չի՞ խմելու։ Այ եթե այն մեղապարտ ծերունի Ստումպն էլ հետը գա, այդ ուրիշ բան է․․․ Գրողը տանի այդ հարբեցողին, նա երկու կվարտից էլ ավելի կլակի։ Միայն մեկ մխիթարություն կա․ փա՜ռք Աստծու, վերջապես մենք գնալու ենք մեր հին Բալլիբալահ։ Ա՛յ, այն ժամանակ ես իսկապես իռլանդական վիսկի կխմեմ և ոչ թե այս ամերիկյան զիբիլը․ Հի՛պ-Հի՛պ-Հի՛պ, ուռա՜։ Հենց միայն այս մտածելուց մարդու սիրտ փառավորվում է։ Հի՛պ-Հի՛պ-Հի՛պ, ուռա՜։

Իր թաղիքե գլխարկը մի քանի անգամ դեպի առաստաղ նետելով՝ երազանքով տարված իռլանդացին էլի մի քանի անգամ «ուռա» գոռաց։ Հետո քիչ հանգստանալով նա մի պահ լուռ նստեց, ասես մտքի մեջ շա-րում էր այն զվարճությունները, որ սպասում էին նրան Բալլիբալահում։

Բայց շուտով նրա մտքերը վերադարձան խրճիթ և կրկին դարձան դեպի անկյունում դրված շիշը։ Այս անգամ նա ավելի մեծ ագահությամբ էր նայում շշին։

― Իմ աննմա՜ն գանձ,― ասաց Ֆելիմը՝ դառնալով շշին։― Ա՛յ թե լավն ես դու հա՜։ Եթե ես քեզ մի անգամ համբուրեմ, ինձ չես մատնի, չէ՞։ Միայն մի համբույր։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա որ։ Մեր տերն ինքն էլ ոչինչ չի ասի, եթե իմանա, թե որքան եմ չարչարվել ես։ Որքա՜ն փոշի եմ կուլ տվել։ Եվ հետո, նա, իհարկե, հույս էլ չունի, թե այս անգամ ես իմ խոստումը կկատարեմ․ չէ՞ որ մենք գնալու ենք։ Բա ճանապարհ ընկնելուց առաջ ո՞նց չթրջես կոկորդդ։ Առանց դրան չի լինի, մարդու ճամփա չի բացվի։ Ես մեր տիրոջն այդպես էլ կասեմ, և երևի չի բարկանա։ Հա, մեկ էլ՝ ա՛յ թե ինչ․ չէ՞ որ նա արդեն ամբողջ տասը ժամով ուշացել է, կասեմ, որ խմել եմ միայն մի կում, այն էլ նրա համար, որ իր մասին շատ էի անհանգստանում։ Երևի բան չի ասի։ Ես միայն մի քիչ հետո կքաշեմ, իսկ հետո ինչ ուզում է թող լինի։ Պառկի՛ր, Թարա՛, ես ոչ մի տեղ չեմ գնում։

Շունը տեսնելով, որ Ֆելիմը դեպի դուռն է գնում, վեր էր կացել։

Բայց Թարան Ֆելիմի միտքը չէր հասկացել։ Նա դուրս էր եկել միայն նայելու, թե տերը չի՞ երևում դեպի խրճիթը բերող ճանապարհին և չի՞ խանգարի իրեն իր մտածածը կատարելու։

Համոզվելով, որ ոչ ոք չկա, Ֆելիմը նետվեց անկյունը, շիշը բացեց, դեմ տվեց շրթունքներին և խմեց ամենևին էլ ոչ «մի կում»։

Ապա շիշը տեղը դնելով՝ իռլանդացին նորից ետ եկավ ու նստեց աթոռակին։

Բավական երկար ժամանակ նա նստել էր լուռ։ Հետո նորից սկսեց ինքն իրեն խոսել, հարցերն ուղղելով մերթ Թարային, մերթ շշին։

― Չեմ հասկանում ինչո՞ւ մեր տերն այսքան ուշացավ։ Ասում էր կգա առավոտյան ժամը ութին, այնինչ հիմա երեկոյան վեցն է, եթե միայն Տեխասի արևը չի խաբում։ Երևի ինչ-որ բան խանգարել է նրան․․․ Դու ի՞նչ ես կարծում, Թարա՛։

Այս անգամ Թարան փնչացնելով դրական պատասխան տվեց նրա քթի մեջ մոխիր էր ընկել։

― Տե՜ր Աստված, մի վատ բան պատահած չլինի՞։ Այդ դեպքում ի՞նչ կանենք մենք, Թարա՛։ Ա՜խ, դո՛ւ, իմ պառավ շուն։ Այդ դեպքում ես ու դու երկար ժամանակ Բալլիբալահը չենք տեսնի։ Գուցե թե միայն մեր տիրոջ իրերը ծախելով կարողանանք գնալ։ Գավաթը զուտ արծաթից է, հենց միայն գավաթի գինը ճանապարհածախսին կբավականացնի։ Գրողը տանի, տես, թե ինչ եկավ միտքս․ ախր ես ոչ մի անգամ այդ սիրուն գավաթով չեմ խմել․ երևի նրանով խմելն ավելի համով կլինի։ Հարկավոր է փորձել, հիմա հենց լավ ժամանակն է։

Այս ասելով նա ճամպրուկից գավաթը հանեց, մի անգամ էլ շիշը բաց արեց և կես բաժակ վիսկի լցրեց։ Ապա մի շնչում կուլ տալով՝ Ֆելիմը չփչփացրեց, որպես թե խմիչքի որակն է որոշում։

― Հը՞։ Այսպես ավելի համո՞վ է,― ասաց նա մի ձեռքով բաժակը բռնած, մյուսով՝ շիշը։― Կարծես հենց ուղղակի շշից խմելն ավելի համով է, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում։ Հարկավոր է երկու ձևով էլ միանգամից փորձել, միայն այն ժամանակ կարելի է ասել, թե որն է ավելի համով։

Իռլանդացին շիշը դեմ արեց շուրթերին և մի քանի կում անելուց հետո դրեց տեղը։

Հետո նա, որպես իսկական գիտակ, նորից մի քանի անգամ չփչփացրեց։

― Բայց ես նորից սխալվեցի,― ասաց նա գլուխն օրորելով։― Ամենևին էլ ճիշտ չէ, արծաթե բաժակով շատ ավելի համով է։ Թե՞ միայն թվում է ինձ։ Հարկավոր է ստուգել ստիպված եմ մի քիչ էլ խմել գավաթով, չէ՞ որ էլ, ուղղակի շշից երկու անգամ եմ խմել, իսկ արծաթե գավաթով՝ միայն մեկ անգամ։ Արդարությունն ամենաթանկ բանն է, այսպես է ընդունված աշխարհում։ Եվ ինչո՞ւ ես պետք է այս սքանչելի բաժակի հետ ավելի վատ վարվեմ, քան ուռի ոստերի մեջ հյուսված այս շշի հետ։ Այդպես չի՛ կարելի, գրո՛ղը տանի։

Արծաթե գավաթը նորից հրապարակ եկավ, և շշի պարունակության մի մասը նորից լցվեց նրա մեջ, որպեսզի անհապաղ ընկնի կասկածամիտ գիտակի անհագ կոկորդի մեջ։

Այդպես էլ անհայտ մնաց, թե վերջիվերջո նա որի՞ օգտին որոշում ընդունեց, գավաթի՞, թե՞ շշի։ Չորրորդ անգամ վիսկիի համը տեսնելուց հետո իռլանդացին կարծես գլխի ընկավ, որ առժամանակ բավական է, և երկու ամանն էլ հանգիստ թողեց։

Այստեղ նրա գլխում մի միտք ծագեց, և փոխանակ վերադառնալու դեպի իր աթոռակը, նա որոշեց դուրս գնալ խրճիթից և տեսնել, թե չի՞ գալիս իրենց տերը։

― Գնանք, Թարա՛,― ձայն տվեց նա՝ ուղղվելով դեպի դուռը։― Գնանք, իմ պառավ շուն, բարձրանանք դարափուլի գլուխը, որ տեսնենք, դաշտում չի՞ երևում մեր տերը։ Միստր Մորիսին դուր կգա, եթե տեսնի, որ ես ու դու անհանգստանում ենք իր համար։

Գետի անտառածածկ հովիտն անցնելով՝ իռլանդացին շան ուղեկցությամբ բարձրացավ պրերիայի սահմանը։

Նրա առաջ փռված էր մի ամայի հարթություն, որ դեպի արևելքի տարածվում էր մոտ մեկ մղոն։

Մայր մտնող արեգակը լուսավորում էր նրա թիկունքը։ Երկինքը ջինջ էր։ Տափարակ հարթության վրա տեղ-տեղ ցցվել էին կակտուսներ և արմավաշուշանի մենավոր ծառեր։ Ուրիշ ոչ մի բան չէր ծածկում հեռուները։ Նույնիսկ շնագայլն այստեղից աննկատ անցնել չէր կարող։ Հեռու հորիզոնում երևում էր մի մթին շերտ, որ անտառ էր կամ մացառուտ ինչ-որ առվակի ափին։

Ֆելիմը լուռ նայում էր այն ուղղությամբ, որտեղից պիտի գար իր տերը։

Նա երկար չսպասեց։ Հորիզոնում ծառերի ետևից երևաց մի ձիավոր, որը գալիս էր դեպի Ալամո։ Թեև նրանց մի ամբողջ մղոն տարածություն էր բաժանում, բայց հավատարիմ ծառան իսկույն ճանաչեց իր տիրոջը։ Չէր կարելի չճանաչել շերտավոր սերապեն, որ նավախ ցեղի հնդկացիների գործած էր, և Մորիսը ճանապարհ գնալիս միշտ վերցնում էր իր հետ։ Նրա կարմիր, կապույտ ու սպիտակ վառ շերտերը հարթության մթին ֆոնի վրա պարզ երևում էին։

Բայց Ֆելիմը զարմացել էր, թե ինչու այդ տոթ երեկոյին իր տերը սերապեն ուսերին է գցել, փոխանակ ծալելու և թամբից կապելու։

― Թարա՛ ա՛յ իմ պառավ շուն, ինչ-որ զարմանալի բան է։ Հիմա այնքան շոգ է, որ քարերի վրա կարելի է միս խորովել, իսկ նա կարծես այդ չի նկատում։ Չլինի մրսել ու հիվանդացել է Օբերդոֆերի այն զզվելի բնի մեջ։ Նրա հետ համեմատած՝ մեր քողտիկն իսկական պալատ է։ Խոզը որ խոզ է, նա էլ չի ուզի ապրել այնտեղ։

Միառժամանակ Ֆելիմը հայացքով լուռ հետևում էր ձիավորին։ Նա մոտենում էր․․․

Ծառան նորից սկսեց խոսել, բայց արդեն բոլորովին ուրիշ տոնով։ Թեև նրա ձայնի մեջ մերթ զարմանք էր զգացվում, մերթ կատակ, բայց դա զոռով սարքած կատակ էր։

― Տե՜ր իմ Աստված, տե՜ր իմ Աստված,― գոչեց նա։― Այս ի՞նչ է փչել նրա գլխին։ Սերապեն գլխին է քաշել․․․ Չէ երևում է, նա մեզ հետ կատակ է անում։ Թարա՛։ Նա ուզում է ինձ ու քեզ զարմացնել։ Խելքին փչել է կատակ անել մեզ հետ․․․ Տե՜ր իմ Աստված, սա ի՞նչ բան է։ Կարծես թե նա գլուխ չունի։ Իսկապես չունի։ Սա ի՞նչ է նշանակում։ Սո՜ւրբ կույս Աստվածածին։ Ախր եթե մարդ չիմանա, որ դա մեր տերն է, կարելի է մահու չափ սարսափել։ Բայց արդյո՞ք մեր տերն է։ Մեր տերը կարծեմ որ ավելի բարձրահասակ է։ Իսկ գլո՞ւխը։ Սո՜ւրբ Պատրիկ ողորմա մեզ ու փրկիր ո՞ւր է նրա գլուխը։ Դժվար թե սերապեի տակ լինի։ Չի էլ երևում, թե այդպես է․․․ Սա ի՞նչ է նշանակում, Թարա՛։

Ֆելիմի ձայնի տոնը նորից փոխվեց․ նրա մեջ սոսկում էր զգացվում։ Համապատասխանորեն փոխվեց և նրա դեմքի արտահայտությունը։ Շունը, որ Ֆելիմից մի քիչ առաջ էր կանգնած, նույնպես անհանգստացած էր։ Նա կուչ եկավ և ասես պատրաստ էր առաջ նետվելու։ Վախեցած հայացքը նա հառել էր ձիավորին, որն այժմ արդեն մի հարյուր հիսուն քայլի վրա էր։

Երբ Ֆելիմը, իր երկար ճառն ավարտելով, վերջին հարցը տվեց, Թարան ողբագին ոռնաց, ասես պատասխան էր տալիս նրան։

Ապա շունը, ասես ինչ-որ վատ բանի հոտ առնելով, պոկվեց տեղից և ընդառաջ նետվեց տարօրինակ կերպարանքին, որն այդպիսի զարմանք ու տարակուսանք էր պատճառել թե՛ Ֆելիմին, թե՛ նրան։

Վազելիս նա կցկտուր վնգստում էր, և այդ վնգստոցն ամենևին նման չէր այն փափուկ, սիրալիր ծմրոցին, որով նա սովորաբար ողջունում էր տուն վերադարձող մուստանգերին։

Երբ շունը, չդադարելով վնգստալ, մոտ վազեց ձիավորին, աշխետը, որին, Ֆելիմը վաղուց արդեն ճանաչել էր, որ իր տիրոջ ձին է, կտրուկ շուռ եկավ և ետ արշավեց։

Երբ ձին շուռ էր գալիս, Ֆելիմը տեսավ,― կամ գուցե նրան թվաց, թե տեսավ,― այն, ինչից արյունը պաղեց նրա երակներում, և մարմինը փշաքաղվեց։

Նրա տեսածը գլուխ էր, ձիավորի գլուխը, բայց ո՛չ իր օրինական տեղը, ո՛չ ձիավորի ուսերին, այլ՝ նրա ձեռքին, թամբի առջևի աղեղի մոտ կախված։

Երբ ձին իր կողը Ֆելիմի կողմն արեց, նա տեսավ,― կամ գուցե թվաց, թե տեսավ,― մի սոսկալի, արյունոտ երես, որ կիսով չափ ծածկված էր ատրճանակի կոթով։

Ուրիշ ոչինչ չտեսավ։ Հենց նույն վայրկյանին Ֆելիմը մեջքը դարձրեց հարթությանը և զառիվայրով ցած վազեց այնքան արագ, որքան ընդունակ էին նրա ծալվող ոտքերը։

Գlwu[ XLIV․ Չորս կոմանչ

Ֆելիմը վազում էր առանց կանգ առնելու և առանց ետ նայելու։ Շեկ մազերը բիզ-բիզ էին եղել և քիչ էր մնում գլխարկը ցած գցեն գլխից։

Տուն հասնելով նա դուռը ծածկեց և ետևից դեմ տվեց հատակին թափված բոլոր կապոցներն ու ճամպրուկները։ Բայց դրանից հետո էլ նա իրեն ապահով չէր զգում։ Թեկուզև սողնակով փակած դուռը մի՞թե կարող է պաշտպանել ուրվականից։

Իսկ այն, ինչ նա տեսավ, իհարկե ուրվական էր։ Մի՞թե որևէ մեկը երբևիցե տեսել է այդպիսի բան։ Մարդը ձի նստած ճամփա է գնում և ձեռքին բռնած ունի իր սեփական գլուխը։ Մի՞թե որևէ մեկը երբևիցե լսել է այդպիսի բան։ Իհարկե՝ ոչ։ Համենայնդեպս Ֆելիմ Օ’Նիլը չի լսել։

Սոսկումից գլուխը կորցրած՝ նա խրճիթում դես ու դեն էր ընկնում մերթ նստում էր աթոռակին, մերթ նորից վեր էր թռչում ու կամացուկ մոտենում դռանը, բայց չէր համարձակվում բացել այն, ոչ էլ նույնիսկ ճեղքից դուրս նայել։

Երբեմն-երբեմն գլխի մազերն էր ձիգ տալիս, ձեռքերը ջղաձգորեն քունքերին էր քսում կամ աչքերն էր տրորում, ասես ուզում էր համոզվել, որ ինքը քնած չի եղել և իսկապես տեսել է այն ահասարսուռ պատկերը։

Մի բան միայն փոքր-ինչ հանգստացնում էր Ֆելիմին զառիվայրով իջնելիս, քանի դեռ նրա գլուխը դարափուլին հավասար էր, ետ նայեց և տեսավ, որ անգլուխ ձիավորն արդեն հեռու է Ալամոյից և քառատրոփ արշավում է դեպի անտառ։

Եթե այս հիշողությունը չլիներ, խրճիթում դես ու դեն ընկնող իռլանդացին ավելի շատ կվախենար։

Երկար ժամանակ նա խոսելու ուժ չուներ և երբեմն-երբեմն միայն ինչ-որ կցկտուր բացականչություններ էր արձակում։

Որոշ ժամանակից հետո վերադարձավ իռլանդացու եթե ոչ հանգստությունը, ապա գոնե դատողություն անելու ընդունակությունը և նա նորից խոսել կարողացավ։ Սկսեցին տեղալ անհամար հարցեր ու բա-ցականչություններ։ Այս անգամ նա դիմում էր միայն ինքն իրեն։ Թարան նրա կողքին չէր և խոսակցությանը մասնակցել չէր կարող։

Նա խոսում էր մեղմ շշուկով, ասես վախենում էր, թե որևէ մեկը խրճիթի պատի ետևից ականջ կդնի իրեն։

― Տե՜ր իմ Աստված, ախր չի՛ կարող լինել։ Այդ նա չէ։ Սո՜ւրբ Պատրիկ, դու փրկիր ինձ։ Բայց այդ դեպքում ո՞վ էր նա։ Ախր ամեն ինչը նրանն էր։ Ձին, շերտավոր սերապեն, ոտքերի սռնապանները և հենց գլուխն էլ․․․ միայն թե, այ, դեմքը նրանը չէր։ Ես երեսն էլ տեսա, միայն թե լավ չջոկեցի․ և ինչպե՞ս ջոկեի, երբ ամբողջովին արյունոտ էր։ Ախ, այդ միստր Մորիսը լինել չէր կարող։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Սա երազ էր։ Ես քնած եմ եղել և ամեն ինչ երազումն եմ տեսել։ Կամ գուցե վիսկի՞ն է մեղավոր։ Բայց ես այնքան հարբած չէի, որ այդպիսի բան թվար ինձ։ Երկու անգամ գավաթից եմ կուլ տվել, երկու անգամ շշից, ուրիշ ոչինչ։ Դրանից ես չէի հարբի։ Պատահել է երկու անգամ շատ եմ խմել, և ոչինչ, նույնիսկ լեզուս չի կապվել։ Աստված վկա։ Իսկ եթե հարբած եմ եղել հապա ինչպե՞ս է, որ հիմա խելքս գլխիս է ինչպես մի դատավոր։ Ասենք վատ չէր լինի, որ հիմա էլ մի կում խմեի։ Թե չէ՝ ամբողջ գիշերն աչքս չի կպչի, և շարունակ մտքի մեջ կլինեմ։ Ի՞նչ տեսիլք էր դա։ Եվ ո՞ւր է մեր տերը, եթե այդ նա չէր։ Սո՜ւրբ Պատրիկ, դու փրկիր խեղճ, միայնակ մեղապարտիս, ախր շուրջս հենց միայն ոգիներ են և ուրվականներ․․․ Կաթոլիկական սրբին ուղղված այս դիմումից հետո իռլանդացին ավելի մեծ ջերմեռանդությամբ դիմեց մի ուրիշ աստծու, որ հնուց ի վեր հայտնի է Բաքոս[56] անունով։

Վերջինս նրա աղաչանքը լսեց։ Ֆելիմը ծունր դրեց կռապաշտական Աստծու առաջ, որ ներկայանում էր մոնոգահիլյան վիսկի պարունակող շշի կերպարանքով, որից հետո կես ժամ անց նա ազատվեց բոլոր տան-ջանքներից և պառկեց խրճիթի հատակին, մոռանալով ոչ միայն այն տեսարանը, որ մահու չափ սարսափեցրել էր իրեն, այլև հենց իր սեփական գոյությունը։

*  *  *



Մորիս մուստանգերի խրճիթում ոչ մի ձայն չի լսվում, նույնիսկ ժամացույցն իր տկտկոցով չի հիշեցնում, որ ժամանակը հավիտենակա-նության գիրկն է գնում, և որ էլի մի գիշեր իջավ աշխարհիս վրա։

Ձայներ լսվում են միայն դրսից։ Բայց դրանք անտառի սովորական գիշերային ձայներն են, կարկաչում է առվակը, մեղմ զեփյուռից խշխշում են տերևները, ճռճռում են ծղրիդները։ Երբեմն էլ լսվում է որևէ գազանի ճիչ․․․

Կեսգիշեր է, բայց հենց նոր ծագած պայծառ լուսինն այնպես է լուսավորել, ասես առավոտ լինի։ Նրա արծաթաշող ճառագայթները, գետինը լուսավորելով, թափանցում են անտառի թավուտը և լույսի շերտեր են փռում ծառերի սև ստվերների մեջ։

Մի քանի ձիավոր առաջ են շարժվում՝ ստվերը գերադասելով լույսից։

Նրանք շատվոր չեն, ընդամենը չորս հոգի, բայց նրանց տեսքը զարմանք է ազդում։ Կարմիր ներկված մերկ մարմինները, դեմքերի դաճը, գլխներին ցցված հրակարմիր փետուրները, ձեռքներին բռնած շողշողուն զենքերը, այս ամենը ցույց է տալիս նրանց վայրի ու վտանգավոր ուժը։

Որտեղի՞ց են եկել։

Նրանք կոմանչների ռազմական պաճուճանքի մեջ են։ Նայեցեք նրանց ներկված մարմիններին, արծվի փետուրներով պատրաստած գլխազարդերին, մերկ ձեռքերին ու կրծքերին, եղջերուի մորթուց կարված շալվարներին և դուք իսկույն կհասկանաք, որ դրանք հնդկացիներ են, որոնք դուրս են եկել ավազակության։

Դրանք երևի կոմանչներ են, իսկ եթե այդպես է, ուրեմն եկել են արևմուտքից։

Բայց ո՞ւր են գնում։

Այս հարցին պատասխանելն ավելի հեշտ է ձիավորները գնում են դեպի այն խրճիթը, որտեղ մեռածի պես պառկած է հարբած Ֆելիմը։ Ըստ երևույթին նրանց հարձակման առարկան Մորիս Ջերալդի խրճիթն է։

Կարելի՞ է կասկածել, որ նրանք չար դիտավորություն ունեն։ Իզուր չէ, որ ռազմական հանդերձանքի մեջ են և այդպես զգույշ ու գաղտագողի են առաջ շարժվում։

Խրճիթից ոչ հեռու նրանք ցած են ցատկում թամբերից, ձիերը կապում են ծառերից և արդեն առաջ են գնում ոտքով։

Նրանք գնում են կուզեկուզ, աշխատելով միշտ մնալ ստվերում և չխշշացնել թափված տերևները։ Հաճախ կանգ են առնում, ուշիուշով նայում խավարի մեջ, ականջ դնում։ Առաջնորդը հրամաններ է տալիս անձայն շարժումներով։ Ամեն ինչից երևում է, որ նրանք ուզում են խր-ճիթին մոտենալ ներսում եղածներից աննկատ։

Եվ կարծես այդ լիովին հաջողվում է։ Նրանք արդեն կանգնած են պատի տակ, և ամեն ինչից երևում է, որ ոչ ոք նրանց չի տեսել։

Խրճիթի ներսում քար լռություն է։ Այնտեղից ոչ մի ձայն չի լսվում, նույնիսկ ծղրիդը չի ճռճռում։

Բայց չէ՞ որ խրճիթի բնակիչներից մեկը տանն է։ Սակայն մարդ կարող է այնքան խմել, որ ոչ միայն խոսելու և խռմփացնելու, այլև բարձր շնչելու ընդունակությունը կկորցնի։ Եվ հենց այդպիսի դրության էր հասել Ֆելիմը։

Չորս կոմանչները կուզեկուզ մոտենում են դռանը և զգուշությամբ զննում։

Դուռը փակ է, բայց երկու կողմերում ճեղքեր կան։

Նրանք ականջները սեղմում են այդ ճեղքերին և շունչներն իրենց պահած ականջ են դնում։

Ոչ շունչ է լսվում, ոչ խռմփոց։

― Գուցե նա դեռ չի վերադարձել,― շշնջում է ղեկավարը մաքուր իսպաներենով։― Թեև թվում է, որ նա վաղուց պետք է տանը լիներ։ Գուցե էլի որևէ տե՞ղ է գնացել։ Հիշում եմ, տան ետևը մի ծածկ կա ձիերի համար։ Եթե մուստանգերը տանն է, ուրեմն նրա աշխետն այնտեղ պիտի լինի։ Սպասեցեք այստեղ, բարեկամներ, ես գնամ տեսնեմ։

Մի քանի րոպե պետք եղավ միայն հասարակ ախոռը դիտելու համար, այն դատարկ էր։

Նույնքան ժամանակ էլ պետք եղավ դեպի ախոռը տանող շավիղը հետազոտելու համար։ Այնտեղ ձիու թարմ հետքեր չկային։

Այս ամենն ստուգելով՝ ղեկավարը վերադարձավ իր ընկերների մոտ, ովքեր դեռ կանգնած էին դռան առաջ։

― Նզովք,― գոչեց նա արդեն բարձրաձայն։― Նա այստեղ չէ և այսօր չի էլ եկել։

― Լավ կլիներ մտնեինք խրճիթը և հավաստիանայինք,― առաջարկեց ռազմիկներից մեկը մաքուր իսպաներենով։― Ի՞նչ վատ բան կլիներ, եթե տեսնեինք, թե իռլանդացին ինչպես է դասավորել իր կացարանը պրերիայում։

― Վատ չէր լինի,― պատասխանեց երրորդը՝ նույնպես Մերհանտեսի լեզվով։ Եկեք նրա մառանն էլ նայենք։ Ես այնպես քաղցած եմ, որ պատրաստ եմ հում միս էլ ուտելու։

― Աստված վկա,― ավելացրեց չորրորդ և վերջին մարդը նույն բարեհնչուն լեզվով։― Ես լսել եմ, որ նա իր մառանն ունի։ Եթե այդպես է․․․

Ղեկավարը չսպասեց, որ նա իր խոսքը վերջացնի։ Մառանի անունը նրա վրա մոգական ազդեցություն ունեցավ, և նա իսկույն գործի անցավ։

Նա ոտքով հրեց դուռը

Բայց դուռը չբացվեց։

― Կարամբա՛։ Ներսից փակ է։ Փակել է, որ իր բացակայության ժամա-նակ ոչ ոք չկարողանա ներս մտնել, ո՛չ առյուծները, ո՛չ վագրերը, ո՛չ արջերն ու բիզոնները, ո՛չ էլ, հա՛-հա՛-հա՛, հնդկացիները։

Էլի ուժեղ աքացի դռանը։ Բայց այն չի բացվում։

― Բարիկադ է դրված և այն էլ ինչ-որ ծանր բան։ Հրելով չի բացվի։ Լավ, տեսնենք սա ի՞նչ բան է։

Նա պատյանից հանում է դանակը։ Թեթև շրջանակին քաշված մուստանգի կաշվի մեջ մի մեծ անցք է բացվում։

Հնդկացին ձեռքը խրում է անցքի մեջ և շոշափելով ստուգում արգելքը։

Կապոցներն ու փաթեթներն արագ տեղաշարժվում են, և դուռը բացվում է։

Վայրենիները ներս են մտնում։ Բաց դռան միջով խրճիթի ներսն է հորդում լուսնի լույսը․ Այնտեղ հատակին փռված, պառկած է մի մարդ։

― Գրողը տանի։

― Քնա՞ծ է։

― Մեռած է երևի, թե չէ մեզ կլսեր։

― Ո՛չ,― ասաց ղեկավարը պառկած մարդու վրա կռանալով,― հարբած է մեռածի պես։ Սա մուստանգերի ծառան է։ Ես ճանաչում եմ։ Սրան նայելով պիտի հասկանալ, որ մուստանգերը տանը չէ և վաղուց չի եղել։ Հուսով եմ, որ այս անասունն ամբողջ մառանը չի դատարկել, որպեսզի իրեն այսպիսի երանելի վիճակի հասցնի․․․ Ահա՜ շի՜շը․ բուրում է վարդի պես։ Փա՜ռք Գվադելուպյան Աստվածածնին, մեզ էլ բաժին է մնացել։

Մի քանի վայրկյանում վիսկիի մնացորդը խմվեց։ Ամեն մեկը մեկ անգամ շիշը դեմ արավ բերանին, իսկ գլխավորին ավելի մեծ բաժին ընկավ, և չնայած իր բարձր դիրքին՝ նա տակտ չունեցավ, որ բողոքեր այդ անարդար բաժանման դեմ։

Իսկ հետո ի՞նչ եղավ։

Վաղ թե ուշ տանտերը պիտի վերադառնա։

Հյուրերը, իհարկե, ուզում են նրան տեսնել, թե չէ այս ուշ ժամին ինչո՞ւ պիտի գային։ Տանտիրոջ հետ հանդիպում է սպասում մանավանդ ղեկավարը։

Ի՞նչ են ուզում Մորիս մուստանգերից այս չորս հնդկացիները։

Դա կարելի է իմանալ նրանց խոսակցությունից․ նրանք իրարից թաքցնելու բան չունեն։

Նրանք ուզում են մուստանգերին սպանել։

Դա հարկավոր է ղեկավարին։ Մյուսները սոսկ գործակիցներ են և օգնականներ։

Գործը խիստ լուրջ է, կատակ բան չէ։ Նա դրա համար հազար դոլար կստանա և բացի դրանից կհագեցնի իր վրիժառության ծարավը։ Նրա երեք գործակիցները հարյուրական դոլար կստանան։ Ընթերցողի համար երևի արդեն պարզ է, թե ովքեր էին թաքնված հնդկացիների դիմակի տակ։ Այդ կոմանչները եղած-չեղած մեքսիկացիներ են, և նրանց ղեկավարն է մուստանգեր Միգուել Դիազը։

― Հարկավոր է դարան մտնել,― ասում է Էլ Կոյոտը։― Երևի նա շուտով կգա։ Դուք, Բարահո, բարձրացեք դարափուլի գլուխը և հետևեց, թե նա երբ կերևա դաշտում։ Մյուսները թող մնան ինձ հետ։ Նա գալու է Լեռնային կողմից։ Մենք նրան կարող ենք հանդիպել ձորում, այն մեծ նոճու տակ։ Դա ամենահարմար տեղն է։

― Լավ չի՞ լինի, սրան վերջ դնենք,― առաջարկում է արյունռուշտ Բարահոն՝ մատը մեկնելով Ֆելիմի վրա։ Բարեբախտաբար չի էլ գիտակցում, թե ինչ է կատարվում իր շուրջը։

― Մեռածից շառ չի գա,― Բարահոյին միանում է մյուս դավադիրը։

― Ընդհակառակն, հենց մեռածից շառ կգա,― առարկեց Դիազը և ինչի՞ համար։ Նա առանց այն էլ մեռածից մի բան պակաս չի, թշվառ հարբեցողը։ Թող ապրի իր համար։ Ես պայմանավորվել եմ միայն սրա տիրոջը սպանել։ Գնացե՛ք, Բարահո, գնացե՛ք։ Շուտ բարձրացեք ժայռի գլուխը։ Դոն Մորիսիոն ամեն րոպե կարող է երևալ։ Հարկավոր է անսխալ գործել։ Գուցե այլևս երբեք այսպիսի հարմար առիթ չունենանք։ Բարձրացեք ժայռի գլուխը։ Այնպիսի լուսնկա գիշեր է, որ հեռվից էլ կտեսնեք նրան։ Եվ հենց որ նկատեք, իսկույն վազեցեք մեզ մոտ։ Չհապաղեք, որպեսզի մենք ժամանակ ունենանք դարանակալելու նոճու ծառի մոտ։

Բարահոն ենթարկվում է, բայց ակներև դժկամությամբ։ Անցյալ գիշեր նրա բախտը չէր բերել և Էլ Կոյոտի հետ մոնթ խաղալիս շատ էր տարվել։ Հիմա կուզենար էլի խաղալ, որպեսզի տանուլ տվածը ետ շահի։ Նա լավ գիտե, թե իրենից հետո ընկերներն ինչով են զբաղվելու։

― Դե շո՛ւտ, սինյոր Բարահո,― հրաման է տալիս Դիազը նրա տատանումները նկատելով։― Եթե մենք այս գործում անհաջողություն կրենք, դուք շատ ավելին կկորցնեք, քան կարող էիք շահել մոնթ խաղալով։ Գնացե՛ք, գնացե՛ք,― շարունակում է Էլ Կոյոտը խրախուսական տոնով։― Եթե մի ժամվա ընթացքում նա չերևա, որևէ մեկը կգա ձեզ փոխարինելու։ Գնացե՛ք։

Բարահոն ենթարկվում է։ Խրճիթից դուրս գալով նա գնում է դեպի քարաժայռը։

Մյուսները տեղավորվում են խրճիթում, որտեղ նրանք արդեն մոմ են վառել։

Նրանց առաջ սեղանի վրա երևան է գալիս ոչ թե ընթրիքը, այլ իսպանական խաղաթղթեր, որ մեքսիկական ամեն մի թափառաշրջիկի անբաժան ուղեկիցն է։

Աղջիկն ու զինվորն արդեն սեղանի վրա են, և մոնթ խաղն սկսվում է։ Խաղի մոլուցքի մեջ ժամանակն աննկատելի է անցնում։ Անցնում է մեկ ժամ․․․

Էլ Կոյոտը բանկ է դրել։

Խրճիթի ձիու կաշվե պատերի մեջ շուտ-շուտ լսվում են կանչեր՝ «Աղջիկը կտրեցի», «Զինվորը տարավ»։

Արծաթե դոլարները զրնգում են սեղանին։

Բայց ահա խաղն ընդհատում է մի բարձր ճիչ։

Այդ Ֆելիմն էր, որ ուշքի գալով տեսել էր այդ արտասովոր մարդկանց՝ խրճիթի հարկի տակ հավաքված։

Խաղացողները վեր են թռչում տեղներից և երեքը մի անգամից մերկացնում իրենց սրերը։ Ֆելիմի կյանքը մազից է կախված։

Մի պատահականություն միայն փրկում է իռլանդացուն։

Շեմքում երևում է շնչասպառ Բարահոն։

Ճիշտն ասած՝ ոչ մի բացատրություն պետք էլ չէ, բայց նա դժվարությամբ շշնջում է․

― Գալի՜ս է։ Արդեն մոտենում է դարափուլին․․․ Շո՛ւտ, բարեկամներս, շուտ։

Իռլանդացին փրկված է։ Նրան սպանելու ժամանակ չկա, եթե նույնիսկ այդ իմաստ ունենար։ Նրանց սպասում է մի շատ ավելի ձեռնտու սպանություն։

Մի քանի վայրկյան անց դիմակավորված խումբն արդեն ժայռի ստորոտումն է, որտեղով պիտի իջնի ձիավորը։

Նրանք դարան են մտնում մեծ նոճու տակ և սպասում են զոհի մոտենալուն։

Շուտով սմբակների դոփյուն է լսվում։ Պայտերի չխկոցն անհամաչափ է գալիս ասես ձին արշավում է անհարթ մակերեսով։ Երևի ձիավորն իջնում է բլրի լանջով։

Բայց նա դեռ չի երևում։ Բլրի լանջը խավարի մեջ է, ինչպես և գետի հովիտը, որ ծածկված է ծառերի ստվերով։ Միայն մարդասպանների թաքնված տեղից ոչ հեռու մի նեղ շերտ լուսավորված է լուսնի լույսով։ Բայց շավիղն այնտեղով չի անցնում։ Ձիավորն անցնելու է նոճու ստվերի միջով։

― Չսպանե՛ք նրան,― հրամայաբար շշնջում է Միգուել Դիազը։― Նա ինձ կենդանի է հարկավոր, մի երկու ժամով։ Դրա համար ես պատճառ ունեմ։ Բռնեցեք նրան էլ, ձին էլ։ Դա վտանգավոր բան չի։ Չէ՞ որ մենք անսպասելի ենք հարձակվելու և նրան անակնկալի կբերենք։ Իսկ եթե դիմադրեց, մենք կկրակենք նրա վրա։ Միայն թե առաջինը ես եմ կրակելու։

Գործակիցները խոստանում են կատարել նրա հրամանը։

Շուտով նրանք հնարավորություն են ունենում ապացուցելու իրենց խոստման անկեղծությունը։ Նա, ում սպասում են, արդեն իջել է լանջից և մտնում է նոճու ստվերի մեջ։

― Զենքդ ցա՛ծ դիր։ Իջի՛ր ձիուց,― գոռում է Էլ Կոյոտը, բռնելով ձիու սանձը, իսկ մյուս երեքը նետվում են ձիավորի վրա։

Ձիավորը ոչ մի դիմադրություն չի ցույց տալիս, չի պաշտպանվում, ոչ դանակ է հանում, ոչ ատրճանակ, նույնիսկ զայրույթի ձայն էլ չի հանում։

Նրանց առաջ ձիավոր է, ամուր նստած թամբին, նրանք ձեռքերով շոշափում են նրան, բայց ձիավորն ասես ոչինչ չի զգում։

Դիմադրում է միայն ձին։ Նա ծառս է լինում, ետ-ետ է գնում և հարձակվողներին քաշում ուղիղ դեպի լուսավոր շերտը։

Ողորմա՜ծ Աստված, սա ի՞նչ բան է։

Մեքսիկացիները միանգամից ետ են քաշվում և ճիչ-աղաղակով հեռու փախչում։ Դա մի վայրի սոսկումի ճիչ էր։

Այլևս ոչ մի վայրկյան նրանք չեն մնում նոճու տակ, գլխապատառ վազում են դեպի անտառի թավուտը, որտեղ կապված էին իրենց ձիերը։

Տենդային արագությամբ նրանք նետվում են թամբերի վրա և սլանում հեռու։

Նրանք տեսել էին այն, ինչ սարսափ էր պատճառել շատ ավելի սրտոտ մարդկանց․ նրանք տեսել էին անգլուխ ձիավորին։

Գլուխ XLV․ Ընդհատված հետքը

Ուրվակա՞ն էր արդյոք սա։ Դե հո չէր կարող մարդ լինել։

Այսպիսի հարց էին տալիս իրենց Էլ Կոյոտը և նրա սարսափահար ընկերները։ Այս նույն հարցն էր տալիս իրեն նաև Ֆելիմը, քանի դեռ նրա գլուխը չէր մթագնել մի քանի անգամ շշի օգնությանը դիմելուց և ժամա-նակավորապես չէր մոռացել իր սարսափը։

Միևնույն բանն էին մտածում նաև այն հարյուր մարդիկ, որոնք ճամփա էին դուրս եկել մայորի գլխավորությամբ և նույնպես տեսել էին անգլուխ ձիավորին։

Այդ զարհուրելի տեսիլքը նրանց աչքին երևացել էր օրվա ավելի վաղ ժամին և հինգ մղոն հեռու դեպի արևելք։

Նա երևացել էր արևելյան կողմից, արեգակը կուրացնում էր նրանց աչքերը, ուստի նրանք տեսել էին միայն ձիավորի գծագրությունը և չէին նկատել մի այնպիսի բան, որը նմանություն տար Մորիս մուստանգերին։

Ֆելիմն անգլուխ ձիավորին նայել էր իր մեջքը մայր մտնող արևի կողմը դարձրած։ Իռլանդացին նրան ավելի շատ էր նմանեցրել իր տիրոջը, թեպետ և հավատացած չէր, թե իրոք այդ նա է։ Չորս մեքսիկացիները, որոնք ճանաչում էին Մորիս մուստանգերին, ձիավորին տեսած լինելով լուսնի լույսով, նույն եզրակացությանն էին եկել։

Եվ Ֆելիմը, և մեքսիկացիները անգլուխ ձիավորի տեսքից վայրի սարսափ էին զգացել։ Որոնումների մասնակիցները թեպետև այնքան չէին վախեցել այդ առեղծվածային երևույթից, բայց նրանք էլ չգիտեին, թե ինչպես բացատրել այդ։

Մինչև ձիավորի անհետացումը նրանցից ոչ մեկը չէր էլ փորձել բացատրություն որոնել, եթե չհաշվենք տեխասցի հնաբնակի կատակի ձևով արված դիտողությունը։

― Սա ի՞նչ բան էր, պարոններ, ի՞նչ եք մտածում սրա մասին,― հարցրեց մայորը դառնալով իր ուղեկիցներին։― Խոստովանում եմ, որ ես բոլորովին շվարած եմ։

― Հնդկացիների սարքած որոգա՞յթ է գուցե,― ենթադրություն արեց մեկը։― Գուցե ուզում են դրանով մեզ իրենց դարանի մե՞ջ քաշել։

― Վատ միջոց է,― կասեի ես,― կարծիք հայտնեց մի ուրիշը։― Ես, հա-մենայնդեպս, դրա ետևից չեմ գնա։

― Ես կարծում եմ, որ սա հնդկացիների գործ չէ,― ասաց մայորը։― Ի՞նչ ես մտածում դու սրա մասին, Սպենգլեր։

Հետախույզը միայն գլուխն օրորեց։

― Կարո՞ղ է սա զգեստափոխված հնդկացի լինել,― նորից նրան դիմեց մայորը։

― Ես ավելի բան չգիտեմ, քան դուք, մայոր,― պատասխանեց հետախույզը։― Երևի այդպիսի մի բան է։ Երկուսից մեկը կամ մարդ է, կամ խրտվիլակ։

― Իհարկե խրտվիլակ է, նկատելի չափով թեթևացած արձագանքեցին մի քանի հոգի։

― Ով էլ որ լինի նա՝ մարդ, սատանա թե խրտվիլակ,― ասաց ջոկատի այն անդամը, որն առաջինն էր հայտնել իր կարծիքը,― ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չպետք է հետևենք և իմանանք՝ ուր են տանում նրա հետքերը, եթե միայն հետք թողել է նա։

― Շուտով այդ մենք կիմանանք,― պատասխանեց Սպենգլերը։― Այս հետքը, որով մենք գնում ենք, հենց այն կողմն է տանում։ Մայոր, կարելի է առաջ շարժվել։

― Իհարկե։ Այսպիսի մի դատարկ բան չպետք է խանգարի մեր որոնումներին։ Հառա՜ջ։

Զինվորներն առաջ գնացին, թեև նրանցից ոմանք տատանվում էին։ Ջոկատում կային մարդիկ, որոնք, եթե իրենց կամքին լինեին, արագորեն ետ կդառնային։ Դրանցից մեկն էլ Կոլհաունն էր։ Անգլուխ ձիավորին տեսնելով նա սարսափից քար էր կտրել․ աչքերն ասես ապակի էին դարձել, շրթունքները՝ ճերմակել, ստորին ծնոտը կախ էր ընկել, և նա դժվարությամբ էր զսպում դողը։

Նրա այդ աղճատված դեմքը, իհարկե, ուշադրություն կգրավեր, եթե չլիներ ընդհանուր շփոթությունը։ Բայց բոլորը աչքերը չռած անգլուխ ձիավորին էին նայում, մինչև որ զարմանալի տեսիլքը չքացավ։ Իսկ երբ ջոկատն առաջ շարժվեց, պաշտոնաթող կապիտանը վերջին շարքերն անցավ, և ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց։

Սպենգլերը ճիշտ էր ասել․ այն տեղը, ուր խորհրդավոր ձիավորը մի պահ կանգ էր առել, հենց ուղիղ ջոկատի ճանապարհի վրա էր գտնվում։

Բայց այնտեղ ոչ մի հետք չերևաց․ ասես նա իսկապես ուրվական էր եղել։

Սակայն սա միանգամայն հասկանալի բան էր։ Հենց այնտեղ, որտեղ ձին շուռ էր եկել և դրանից դենն էլ բազում մղոններ գետնի երեսը ծածկ-ված էր սպիտակ մանրաքարով։ Որսորդները այդ վայրն անվանում էին «կավճային պրերիա»։ Տեղ-տեղ քարերը տեղից պոկված ու քերծված էին, ըստ երևույթին՝ պայտի հարվածից։ Բայց միայն փորձված հետախույզի աչքը կարող էր նկատել այդ հետքերը։

Կորավ և այն հետքը, որով նրանք առաջ էին գնում․ պայտած մուստանգի հետքը։ Հենց նոր այստեղ եղած վայրի մուստանգների երամակը բոլորովին փորփրել էր գետինը, ուստի և ցանկացած հետքը գտնելն անհնարին էր դարձել։

Նրանք կարող էին առաջ գնալ այն ուղղությամբ, ուր գնացել էր անգլուխ ձիավորը։ Արեգակը, իսկ հետո էլ երեկոյան աստղը։ Արուսյակը, նրանց ճանապարհը ցույց կտային։ Բայց նրանց հետաքրքրում էր պայտած մուստանգը նստած ձիավորը, և ցերեկվա մարմրող լույսից մնացած կես ժամը գնաց ապարդյուն որոնումների վրա, հետքը կորել էր կավճային պրերիայում։

Երբ արևը մայր մտավ, Սպենգլերն ասաց, որ այլևս ոչինչ չի կարելի անել։

Մնում էր միայն վերադառնալ դեպի անտառ և ճամբար խփել նրա եզրին։

Որոշվեց որոնումները վերսկսել լուսաբացին։

Բայց այդ անել չհաջողվեց, խանգարեց մի անսպասելի հանգամանք։

Դեռ նոր էին ճամբար խփել, երբ շտապ եկավ մի սուրհանդակ, որը հեռագիր էր բերել մայորին։ Հեռագիրը տրված էր Սան Անտոնիո դը Բեքարի շտաբից։ Այն ուղարկվել էր ամրոց, այնտեղից էլ այստեղ։

Մայորը հրաման տվեց ձիերը թամբել, և դեռ հոգնած ձիերի քրտինքը չցամաքած՝ դրագուններն արդեն նորից նստած էին նրանց վրա։

Հեռագրում ասված էր, որ Սան Անտոնիոյի շրջակայքում Լեոնայից մի հիսուն մղոն դեպի արևելք կոմանչներ են երևացել։

Այժմ արդեն դա դատարկ խոսակցություն չէր։ Ասպատակությունները սկսվել էին հրկիզումներով ու սպանություններով։

Մայորը կարգադրություն էր ստացել առանց ժամանակ կորցնելու ջոկատը հավաքել և ուղարկել Սան Անտոնիո։ Սրանով էլ բացատրվում է դրագունների հապճեպ մեկնումը։

Իհարկե, հետքերի որոնումները կարող էին շարունակել ագարակատերերը, բայց բարեկամությունը և նույնիսկ ծնողական սերը խոնարհվում են անհրաժեշտության առաջ․ նրանք ճանապարհ ընկնելիս վերցրել էին միայն հրացաններ, և այժմ քաղցը նրանց քշում էր դեպի տուն։

Ոչ ոք մտադիր չէր հրաժարվել որոնումներից։ Որոնումները պետք է վերսկսվեին, երբ մասնակիցներն իրենց ձիերը փոխեին և ուտելիքի պաշար վերցնեին, ու պիտի շարունակվեին, ինչպես բոլորն էին ասում, «մինչև որ չգտնվի խեղճ պատանին»։

Մի քանի հոգի Սպենգլերի հետ մնացին, որպեսզի առաջ գնա և ամերիկյան ձիու հետքերով, որը Սպենգլերի կարծիքով պետք է ետ տաներ դեպի Լեոնա։ Մյուսները դրագունների հետ ճանապարհ ընկան դեպի ամրոց։

Պոյնդեքստերին ու նրա բարեկամներին հրաժեշտ տալուց առաջ մայորը նրանց պատմեց Սպենգլերի արած տխուր հայտնությունների մասին։ Նա ինքն այլևս որոնումներին մասնակցել չէր կարող և կարծում էր, որ նրանք, ովքեր պիտի որոնումները շարունակեն, պետք է իմանան այս կարևոր հանգամանքը։

Նրա համար հաճելի չէր կասկածներ հարուցել երիտասարդ իռլանդացու դեմ, որին ինքն էլ համակրում էր, բայց պարտականությունն ամենից բարձր էր։ Եվ թեև մայորը չէր հավատում, թե Մորիս մուստանգերը մեղք ունի, ավելի ճիշտ՝ դա քիչ հավանական էր համարում, այնուամենայնիվ, ստիպված եղավ խոստովանել, որ Մորիսի դեմ լուրջ հանցանշաններ կան։ Բայց ագարակատերն ու նրա բարեկամներն ամենևին չէին կասկածում, որ ոճրագործը մուստանգերն է։ Այժմ, երբ ակներև դարձավ, որ հնդկացիներն այս գործին խառը չեն, Մորիս Ջերալդն ի լուր ամենքի հայտարարվեց մարդասպան։

Որ սպանություն է եղել դրան ոչ ոք չէր կասկածում։ Օբերդոֆերի պատմությունը լուսաբանում էր ողբերգության սկիզբ։ Հենրի Պոյնդեքստերի ձին իր, արյունոտված թամբով վկայում էր նրա վախճանը։ Մի-ջանկյալ օղակներն առանց դժվարության վերականգնվում էին մասամբ Սպենգլերի հայտնագործություններով, մասամբ էլ պարզապես ենթադրություններով։

Բայց ոչ ոք լրջորեն չէր մտածում, թե ինչը կարող էր մուստանգերին մղել այդ ոճրագործության։ Կոլհաունի հետ ունեցած գժտությունը բոլորին թվում էր հիմնավոր պատճառ։ Ըստ երևույթին Ջերալդը Կոլհաունի հետ ունեցած իր թշնամությունը տարածել է Պոյնդեքստերների ամբողջ ընտանիքի վրա։

Սա տրամաբանությունից զուրկ բան էր, բայց ոճրագործ փնտրող մարդիկ հազվադեպ են տրամաբանորեն դատում։ Նրանք մտածում են միայն մեկին պատժելու մասին։

Այս մտքերով էլ որոնումների մասնակիցները բաժանվեցին։ Նրանք նորից պետք է հանդիպեին հաջորդ առավոտյան և հետքերով գնային, որ-պեսզի կենդանի թե մեռած՝ գտնեին երկու կորած մարդկանց։

*  *  *



Սպենգլերի հետ մնացած մարդիկ ճամբար խփեցին մայորի ընտրած բացատում։

Նրանք ընդամենը տասը մարդ էին։ Այժմ ավելի մեծ ջոկատի կարիք չկար․ այդ կողմերում այլևս կոմանչների հանդիպել չէին սպասում։ Չէին նախատեսվում և ուրիշ վտանգներ։ Այն, ինչ հանձնարարված էր նրանց, կարող էին գլուխ բերել և երկու-երեք հոգի։

Ոմանք մնացել էին հետաքրքրությունից դրդված, ուրիշները՝ պարզապես ընկեր լինելու համար։ Դրանք մեծ մասամբ ագարակատերերի երիտասարդ զավակներ էին։ Խմբի պաշտոնական գլխավորը Կոլհաունն էր, բայց հասկանալի էր, որ որոնումները ղեկավարելու էր հետախույզ Սպենգլերը։

Ընկերներից բաժանվելուց հետո նրանք քնելու չպառկեցին, այլ նստոտեցին պայծառ բոցավառվող խարույկի շուրջը։

Ուտելիք ու գինի բավականաչափ կար․ դրագունները ամրոց վերադառնալիս նրան էին թողել իրենց պաշարը և գինին։

Սակայն, չնայած դրան և խարույկի ուրախ ճարճատյունին, իսկական աշխուժություն չկար։

Բոլորի սրտին այնպիսի մի ծանրություն էր նստել, որ խանգարում էր նրանց վայելել այն բավականությունը, որից բարձր երևի աշխարհիս երեսին ոչինչ չկա։

Դրա առաջ ի՞նչ բան է ընտանեկան օջախի հանդարտ բերկրանքը։ Պատահել է, որ ես ինքս էլ պրերիայի լայնարձակ տարածություններում կարոտել եմ ընտանեկան օջախին։ Բայց հիմա, ետ նայելով և անաչառ համեմատելով դրանք իրար հետ, չեմ կարող չբացականչել․ «Վերադարձրե՜ք ինձ խարույկը և իմ ընկեր որսորդներին, թողեք, որ մի անգամ էլ նրանց հետ միասին նստեմ ճարճատող խարույկի առաջ, և ես ձեզ կտամ իմ կուտակած ամբողջ հարստությունը և իմ ամբողջ անպետք փառքը։ Ես գոհ կլինեմ ձեզ տալու այդ ամենը այն հոգսի ու աշխատանքի հետ, որ պահանջվում է դրանք պահպանելու համար»։

Երիտասարդության մռայլ տրամադրությունը բացատրել դժվար չէր․ նրանք դեռ չէին կարողացել ուշքի գալ այն սարսափից, որ պատճառել էր անգլուխ ձիավորը։

Նրանք գլուխ էին կոտրում, փորձելով բացատրել իրենց տեսածը, երբեմն նույնիսկ ծաղրում էին խորհրդավոր ուրվականին, բայց ոչ մի կերպ չէին կարողանում ազատվել ճնշող զգացմունքից, և ոչ մի ենթադրություն չէր գոհացնում նրանց։ Ե՛վ Սպենգլերը, և՛ Կոլհաունը նույնպես այդ ընդ-հանուր տրամադրության մեջ էին։

Թվում էր, որ Կոլհաունը բոլորից ավելի մռայլ է։ Նա հոնքերը կիտած նստել էր ծառերի ստվերում, խարույկից մի քիչ հեռու և դրագունների գնալուց հետո ոչ մի խոսք չէր ասել։ Երևում է նա չէր ուզում միանալ բոցկլտացող խարույկի մոտ տաքացողներին։ Նա գերադասում էր մենակությունը, կարծես երկյուղ էր կրում հետաքրքրվող հայացքներից։

Նրա հայացքն առաջվա պես թափառուն էր, իսկ դեմքին դեռ մնացել էր ապրած սարսափի հետքը։

― Լսեցե՛ք, Կաշ Կոլհաուն,― ձայն տվեց նրան երիտասարդներից մեկը, որն արդեն կարգին հարբել էր։― Եկեք այստեղ, ա՛յ մարդ, և խմեցեք մեզ հետ միասին։ Մենք բոլորս վշտակցում ենք ձեզ և ձեր ընտանիքին կօգնենք վրեժ լուծելու մարդասպանից։ Բայց հարկավոր չէ այդպես նոթերը կիտել։ Եկեք այստեղ և վիսկի կուլ տվեք։ Դա շատ օգտակար կլինի, հավատացնում եմ ձեզ։

Գուցե Կոլհաունին դուր եկավ այն պատճառը, որով բացատրում էին իր առանձնացումը, կամ գուցե իսկապես նա հանկարծ ցանկացավ խմբի մեջ լինել, այսպես թե այնպես հրավերն ընդունեց խարույկին մոտենալով նստեց մյուսների կողքին։ Բայց ուտելուց առաջ նա մի լավ կում վիսկի խմեց իրեն մեկնած ամանից։

Այդ րոպեից ասես մի կախարդանքով նա փոխվեց։ Մռայլ տրամադրությունը փարատվեց և այնպես զվարթացավ, որ նույնիսկ շրջապատի զարմանքը հարուցեց։ Այդպիսի տրամադրությունը անհարմար էր թվում մի մարդու համար, որի քեռու որդուն, ինչպես ենթադրում էին բոլորը, հենց այդ առավոտ էին սպանել։

Խարույկին մոտենալով որպես հյուր՝ նա շուտով սկսեց որպես տանտեր պահել իրեն։ Երբ արդեն բոլոր ամանները ցամաքել էին, կապիտանը սկսեց գինի լցնել իր ամաններից, որոնց պաշարն անսպառ էր թվում։ Նրա թամբին կապված մեծածավալ պարկերից իրար ետևից դուրս էին գալիս գինու ամանները, որ նրան էին թողել մայորի հետ գնացած իր բազմաթիվ բարեկամները։

Խարույկի շուրջը հավաքված տեխասցի խենթ ու խելառ երիտասարդներն իրենց ղեկավարի օրինակից ոգևորված՝ չէին հրաժարվում նրա հյուրասիրությունից։ Նրանք շատախոսում էին, երգում, պարում ու հռհռում։ Հետո հոգնածությունն իր բանը տեսավ․ բոլորը պառկեցին խոտերի վրա և քուն մտան։ Նրանցից ոմանց, գուցե և կյանքում առաջին անգամ, հարբած մղձավանջն էր տանջում։

Պաշտոնաթող կապիտանը վերջինը պառկեց։

Նա վերջինը պառկեց, բայց և վեր կացավ առաջինը։ Դեռ նոր էր վերջացել խնջույքը, նոր էր սկսվել նրա բաժակակիցների խռմփոցը, որ ցույց էր տալիս, թե բոլորը քնած են, երբ նա տեղից վեր կացավ և զգուշությամբ անցավ նրանց միջով։

Նույնպիսի զգույշ քայլերով նա գնաց ճամբարի ծայրը, որտեղ ծառից էր կապված իր ձին։

Նա ձին արձակեց, սանձը գլուխը գցեց և ցատկելով թամբի վրա՝ անաղմուկ հեռացավ։

Նրա շարժումներից չէր երևում, թե հարբած է։ Ընդհակառակն, բոլորովին ուշքը վրան էր թվում և գործում էր առաջուց մտածված ծրագրով։

Բայց ի՞նչ ծրագիր։

Գուցե զոհված ազգականին սիրելով գնում էր նրա դիա՞կը որոնելու։ Կամ գուցե մենմենակ գնալով ուզում էր ցույց տալ, թե ինքն առանձնապես մեծ ձգտում ունի կորածին գտնելու։

Դատելով նրա կցկտուր արտահայտություններից՝ կարելի էր կարծել, թե, իրոք, այդպիսի մի մտադրություն է ղեկավարում նրան։

― Փա՜ռք Աստծու,― ասում էր նա,― լուսնկա պայծառ գիշեր է, և իմ տրամադրության տակ ամբողջ վեց ժամ կա։ Մինչև այդ ջահելներն արթնանան, կարող եմ երկու մղոն շրջագծով թփուտների բոլոր ան-կյունները ստուգել։ Եվ եթե դիակն այնտեղ է, անպայման կգտնեմ։ Բայց ի՞նչ կարող էր նշանակել դա։ Եթե միայն ես տեսած լինեի, կմտածեի, թե խելագարվել եմ։ Բայց չէ՞ որ բոլորը տեսան, բոլորն առանց բացառության։ Երկնայի՜ն ուժեր, ի՞նչ կարող էր լինել դա։

Հազիվ էր այս խոսքերն արտասանել, երբ նրա շուրթերից դուրս թռավ զարմանքի ու սոսկումի մի ճիչ։ Նա կտրուկ կանգնեցրեց իր ձին, ասես մահացու վտանգ էր սպառնում նրան։ Կոլհաունը զարտուղի ճանապարհով գնում էր դեպի մեզ արդեն ծանոթ բացատը։ Հենց դեպի այդ բացատն էր շուռ գալիս, երբ հանկարծ տեսավ, որ էլի ինչ-որ մեկը գնում է անտառով։ Մի ուրիշ ձիավոր, ըստ երևույթին իր ձիուց ոչ վատ մի ձի նստած, գնում էր բացատով, այն էլ ոչ իր պես դանդաղ քայլով, այլ արագ վարգով։

Դեռ բավական տարածություն կար մինչև մոտենալը, երբ Կոլհաունը նկատեց, որ այդ ձիավորը գլուխ չունի։

Սխալվել չէր լինի․ լուսնի դժգույն շողերը լուսավորում էին ձիավորի միայն ուսերը․ գլուխը չկար։ Դա լուսնի լույսով ստեղծված տեսիլք լինել չէր կարող։ Կոլհաունն այդ պատկերը տեսել էր նաև արեգակի պայծառ լույսով։

Բայց հիմա նա ավելի շատ բան տեսավ․ նա տեսավ ձիավորի գլուխը, որ կախված էր մարդու ազդրերի մոտ, կիսով չափ ծածկված թամբա-պայուսակով, արյունոտված ու սոսկալի․․․ Նա ճանաչեց ձին, ձիավորի ուսերին գցված շերտավոր սերապեն, հովազի մորթուց կարված սռնապանները՝ Մորիս մուստանգերի ամբողջ զգեստը։

Կոլհաունն ամեն ինչ մանրամասն դիտելու բավական ժամանակ ուներ։ Սոսկումից կաշկանդված՝ նա կանգնել էր և տեղից շարժվելու ուժ չուներ։ Ձին էլ կարծես բաժանում էր իր տիրոջ վախը։ Ամբողջ մարմնով դողալով՝ նա ևս փախչելու ոչ մի փորձ չարեց նույնիսկ այն ժամանակ, երբ հանկարծ անգլուխ ձիավորը կանգ առավ նրանց առաջ, և նրա աշխետ ձին խռխռոցով ծառս եղավ։

Միայն այն ժամանակ, երբ աշխետը մի վայրի վրջնոցով,― որին արձագանքի պես պատասխանում էր իր ետևից վազող շունը,― շուռ եկավ ու հեռու արշավեց բացատով, միայն այդ ժամանակ Կոլհաունն ուշքի եկավ, և կաշկանդված լեզուն նորից բացվեց։

― Տե՜ր իմ Աստված,― գոչեց նա դողդոջուն ձայնով։― Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Ի՞նչ է սա․ մա՞րդ, թե սատանա։ Թե՞ այս ամբողջ օրը սոսկ ծանր երազ է եղել։ Կամ գուցե ես ցնդե՞լ եմ։ Ցնդել եմ, ցնդե՜լ, ցնդե՜լ։

Այս կցկըուր խոսքից հետո Կոլհաունը վճռականորեն ձիգ տվեց սանձը և ձին կտրուկ շուռ տվեց։ Նա ետ արշավեց եկած ճանապարհով, բայց շատ ավելի արագ․ ըստ երևույթին հրաժարվել էր իր մտադրությունից։ Նա ոչ մի անգամ կանգ չառավ, մինչև որ հասավ ճամբար։

Այստեղ կամացուկ մոտենալով խարույկին՝ պառկեց իր բաժակակից ընկերների կողքին։ Բայց քնել նրան չհաջողվեց․ ոչ մի րոպե աչքը չկպավ։ Նա դողում էր, ինչպես տենդի մեջ։ Բացվող առավոտը լուսավորեց նրա մահու պես գունատ դեմքը և կիսացնոր թափառուն աչքերը։

Գլուխ XLVI․ Գաղտնի խոստովանություն

Լուսաբացին Կասա դել Կորվոյի հասիենդայում և նրա շուրջը տենդագին եռուզեռ էր տիրում։

Բակում խմբվել էին պես-պես զենքերով զինված մարդիկ։ Ոմանք որսորդական երկար հրացաններ էին վերցրել կամ երկփողանիներ, ուրիշները ատրճանակներ, երրորդները՝ մեծ-մեծ դանակներ կամ նույնիսկ տոմագավկներ։

Պակաս բազմազան չէր նաև նրանց հագուստը․ կարմիր ֆլանելի վերնաշապիկներ, խայտաբղետ կտորից կարված բաճկոններ, տանը գործած շալից դարչնագույն շալվարներ, կապույտ շալվարներ բամբակյա կտորից, թաղիքե կամ կաշվե գլխարկներ, դաբաղած կաշվից բարձրաճիտ կոշիկներ, եղջերուի մորթուց սռնապաններ։ Տեխասի սահմանամերձ բնակավայրերում զինված մարդկանց այդպիսի հավաքույթներ հաճախ կարելի էր տեսնել։

Ո՛չ հագուստի խայտաբղետությունը, ո՛չ զենքի բազմազանությունը ցույց չէին տալիս, թե ինչ նպատակով են հավաքվել այդ մարդիկ։ Թեկուզ ամենախաղաղ նպատակն էլ ունենային, միևնույն է, պետք է զինված գային և այդպիսի հագուստով։

Բայց մենք գիտենք, թե ինչու էին հավաքվել։

Նրանցից շատերը նախորդ օրը դրագունների հետ էին եղել։ Այժմ նրանց միացել են և ուրիշները՝ հեռավոր ագարակների բնակիչները, ինչպես և այն որսորդները, որոնք երեկ տանը չէին եղել։

Այդ առավոտ Կասա դել Կորվոյի բակում խմբված մարդկանց թիվն ավելի մեծ էր, քան նախորդ օրը, թեև այն ժամանակ որոնումներին մասնակցում էին նաև զինվորները։

Բազմության մեջ զինվորականներ ամենևին չկային, բայց կային կամավոր միլիցիայի անդամներ, որոնք թեպետև կանոնավոր բանակին չէին պատկանում, բայց կոչվում էին «օրինակատարներ»[57]։

Սրանք մյուսներից չէին տարբերվում ո՛չ հագուստով, ո՛չ զենքով․ կողմնակի մարդը ոչնչով չէր ճանաչի օրինակատարին, բայց նրանք բոլորը ճանաչում էին իրար։

Բոլորը խոսում էին սպանության մասին, Հենրի Պոյնդեքստերի սպանության մասին, և շուտ-շուտ լսվում էր Մորիս մուստանգերի անունը։

Աշխույժ խոսակցության նյութ էր դարձել նաև պրերիայում անգլուխ ձիավորի երևալը։ Ովքեր նախորդ օրը տեսել էին նրան, պատմում էին չտեսնողներին։

Ոմանք սկզբում չէին հավատում և դա կատակ էին համարում։ Սակայն ականատեսների միահամուռ պնդումների առաջ ստիպված էին տեղի տալ, և բոլորը հավատացին անգլուխ ձիավորի գոյությանը։

Իհարկե, փորձեր սկսվեցին հասկանալու այդ զարմանալի երևույթը, և ամենատարբեր ենթադրություններ արվեցին, բայց նրանցից մեկն էր միայն շատ թե քիչ ճշմարտանման․ այդ մեզ արդեն հայտնի սահմանամերձ բնակչի ենթադրությունն էր, թե՛ ձին իսկական ձի է եղել, իսկ ձիավորը՝ խրտվիլակ։

Թե ով և ինչու համար էր սարքել այդ բանը, ոչ ոք չէր էլ փորձում բացատրել։

Այն գործը, որ հավաքել էր այդ մարդկանց, առանձին պատրաստություններ չէր պահանջում։ Բոլորն արդեն պատրաստ էին։

Նրանց ձիերը կանգնած էին հասիենդայի առաջ։ Մի քանիսի սանձը ագարակատիրոջ ծառաներն էին բռնել, բայց մեծ մասը կապված էին որևէ բանից։

Բոլորը գիտեին, թե ինչի են հավաքվել և սպասում էին միայն, որ Վուդլի Պոյնդեքստերը, որը պիտի գլխավորեր այս խումբը, մեկնելու ազդանշան տա։

Ագարակատերը հապաղում էր, հուսալով, թե կգտնվի մի ուղեցույց, որ կկարողանա ցույց տալ Ալամոյի ճանապարհը, և խումբը կհասցնի Մորիս մուստանգերի խրճիթը։

Ներկաների մեջ այդպիսի մարդ չկար։ Ագարակատերերը, խանութպանները, իրավաբանները, որսորդները, ձիերի և ստրուկների առևտրականները բոլորն էլ միանման վատ գիտեին Ալամոյի հովիտը։

Ավանում միայն մեկ մարդ կարող էր ստանձնել ուղեցույցի պարտականությունը․ դա ծերունի Զեբ Ստումպն էր։ Բայց նրան էլ ոչ մի տեղ չէին կարողանում գտնել։ Նա որսի էր գնացել, և ում էլ ուղարկել էին նրան գտնելու, վերադարձել էր դատարկաձեռն։

Ճիշտ է, հասիենդայի բնակչուհիներից մեկը կարող էր ջոկատը տանել ենթադրյալ մարդասպանի կացարանը, բայց Վուդլի Պոյնդեքստերն այդ չգիտեր։

Եվ լավ է, որ չգիտեր։ Եթե հպարտ ագարակատիրոջ մեջ գեթ մի փոքրիկ կասկած ծագեր, թե իր դուստրը կարող է ուղեցույց լինել դեպի Ալամոյի ափի խրճիթը, նա կվշտանար ոչ միայն զոհված որդու, այլև մոլորված դստեր համար։

Զեբ Ստումպին որոնելու ուղարկված վերջին մարդն էլ վերադարձավ առանց նրա։ Այլևս չսպասեցին, վրեժի ծարավը խիստ մեծ էր։ Եվ ջոկատը ճանապարհ ընկավ։

*  *  *



Դեռ նոր էին նրանք հեռացել Կասա դել Կորվոյից, երբ այն երկու հոգին, որոնք կարող էին Ալամոյի ճանապարհը ցույց տալ, իրար հանդիպե-ցին հենց հասիենդայի պատերի մեջ։

Այդ հանդիպումը ոչ գաղտնիք էր, ոչ նախամտածված։ Դա մի պատահականություն էր։ Զեբ Ստումպը հենց նոր էր վերադարձել որսից և հասիենդա էր բերել իր անվրեպ հրացանի օգնությամբ խփված որսը։

Զեբ Ստումպի համար Լուիզա Պոյնդեքստերը, իհարկե, տանն էր։ Դեռ ավելին․ նա շատ էր ցանկանում խոսել որսորդի հետ, այնքան էր ցանկանում, որ նախորդ ամբողջ օրը արևածագից մինչև մայրամուտ աչք չէր հեռացնում գետի այն կողմի ճանապարհից։

Դեռ նոր էր աղմկալից խումբն անհետացել, երբ Լուիզան նորից ազոտեա բարձրանալով նկատեց որսորդին, որը մոտենում էր առատ որսով ծանրաբեռնված իր պառավ զամբիկը հեծած։ Զեբ Ստումպը, իհարկե, գալիս էր դեպի հասիենդա։

Նրա վիթխարի, անճոռնի կերպարանքը տեսնելով՝ Լուիզան շատ ուրախացավ։ Նա գիտեր, որ դա հուսալի բարեկամ է, որին կարելի է վստահել ամենանվիրական գաղտնիքը, իսկ նա ուներ մի գաղտնիք, որը ցանկանում էր վստահել մեկին, գաղտնիք, որ ահա մի ամբողջ օր տանջում էր նրան։

Դեռ շատ առաջ, նախքան Զեբ Ստումպը բակ կմտներ, աղջիկն արդեն իջել էր պատշգամբ՝ նրան դիմավորելու։

Ծերունին ուրախ ու անհոգ մոտենում էր հասիենդային։ Ըստ երևույթի նա ոչինչ չգիտեր այն դեպքի մասին, որը խոր տխրության մեջ էր գցել ամբողջ տունը։

Երբ նա նկատեց, որ դարբասը փակված է սողնակով, դեմքին տարակուսանք երևաց։

Սա անսովոր բան էր, համենայնդեպս հասիենդայի նոր տերերի օրոք։ Դարբասում Զեբ Ստումպին դիմավորող խափշիկի մռայլ դեմքն ավելի ևս զարմացրեց նրան։

― Ի՞նչ է պատահել քեզ, Պլուտո՛ն, բարեկամս։ Դու կարծես ջրարջ լինես, որի պոչը կտրել են։ Եվ ինչո՞ւ օրը ցերեկով ձեր դարբասը փակ է։ Հուսով եմ՝ ոչինչ չի՞ պատահել։

― Օ՜խ, մասսա Ստումպ, պատահել է։ Դժբախտություն է պատահել, դժբախտությո՜ւն։ Ինձ համար դժվար է ասել։ Դժբախտությո՜ւն, մե՜ծ դժբախտություն։

― Դժբախտությո՞ւն,― գոչեց որսորդը։― Ի՞նչ դժբախտություն, խափշիկ։ Դե շուտ, ասա՛, հո չի կարող ավելի սոսկալի բան լինել, քան ինչ-որ արտահայտում է քո դեմքը։ Հո մի բան չի՞ պատահել քո դեռատի տիրուհուն։ Միսս Լուիզան․․․

― Միսս Լուիզային ոչինչ չի պատահել։ Բայց այդպիսի մի բան․․․ Միսս Լուիզան տանն է։ Ներս մտեք, մասսա Ստումպ։ Նա ինքը ձեզ կասի դժբախտության մասին։

― Իսկ քո տե՞րը։ Նա տա՞նն է։

― Ոչ, ոչ։ Հիմա նա տանը չէ։ Մասսան հիմա շատ հեռու է տանից։ Գնացել է քառորդ ժամ առաջ։ Հիմա նա տանը չէ։ Նա գնացել է պրերիա, որտեղ վայրի ձիեր կան։ Այնտեղ, որտեղ մի ամիս առաջ որս էին արել։ Դուք հո գիտեք այդ պրերիան, մասսա Ջեբ։

― Պրերիա՞, որտեղ վայրի ձիեր կա՞ն։ Ինչո՞ւ է նա գնացել այնտեղ։ Ո՞վ է գնացել նրա հետ։

― Նրա հետ միստր Կոլհաունն է և էլի ուրիշ շատ սպիտակ ջենտլմեններ։ Նրա հետ շատ մարդիկ են գնացել։

― Լա՛վ, իսկ ձեր երիտասարդ միստր Հենրի՞ն, երևի նա է՞լ է գնացել նրանց հետ։

― Օ՜, մասսա Ստումպ, հենց այդ է մեր վիշտը։ Մեր ամբողջ դժբախտությունը։ Մասսա Հենրին էլ գնացել էր ու էլ չի վերադարձել։ Նրա ձին է եկել տուն՝ ամբողջովին արյունոտված։ Ասում են՝ մասսա Հենրին մեռած է։

― Մեռա՞ծ։ Դու, ի՞նչ է, կատա՞կ ես անում։ Թե՞ լուրջ ես խոսում։

― Օ՜, մասսա Ստումպ, շատ դառն բան է ասել, բայց սա ճշմարտություն է։ Բոլորը գնացել են իմանալու, թե որտեղ է ընկած նա։

― Ա՛ռ, սրանք տար խոհանոց։ Հնդկահավ է և վայրի հավեր։ Որտե՞ղ է միսս Լուիզան։

― Ես այստեղ եմ, միստր Ստումպ։ Եկեք այստեղ,― պատասխանեց արծաթահնչյուն մի ձայն, որ լավ ծանոթ էր որսորդին, բայց այս անգամ այնքան վշտագին էր, որ Զեբ Ստումպը հազիվ ճանաչեց։― Ավա՜ղ, այն ամենը, որ Պլուտոնն ասաց, ճշմարտություն է։ Եղբայրս կորել է։ Այս երկու օր է նրան ոչ ոք չի տեսել։ Նրա ձին տուն է վերադարձել, թամբին՝ արյան բծեր։ Օ՜, Զեբ, նույնիսկ մտածելը սոսկալի է։

― Դե, պարզ է։ Նա ինչ-որ տեղ է գնացել, և ձին վերադարձել է մենակ․․․ Ես չեմ ուզում ավելորդ կսկիծ պատճառել ձեզ, միսս Լուիզա, բայց, քանի որ որոնումները շարունակվում են, գուցե թե ես կկարողանամ օգնել, իսկ դրա համար ինձ հարկավոր է մանրամասնություններն իմանալ։

Լուիզան Զեբին պատմեց այն ամենը, ինչ ինքը գիտեր։ Նա թաքցրեց միայն այգում տեղի ունեցածը և այն, ինչ նախորդել էր նրան։ Հաստատելու համար, թե Հենրին երևի գնացած է եղել մուստանգերի ետևից նա մեջ բերեց Օբերդոֆերի պատմածը։

Նրա ձայնն ընդհատվում էր անտանելի վշտից, որը, սակայն, զայրույթի փոխվեց, երբ խոսեց այն մասին, որ իր եղբոր սպանողն են համարում Մորիսին։

― Սո՛ւտ է,― գոչեց որսորդը վեր թռչելով և միանալով նրա զայրույթին։― Զրպարտությո՛ւն է։ Սրիկա է այդպիսի բան հնարողը։ Դրա՜նց նայեցեք։ Մուստանգերն այն մարդկանցից չէ՛, որ այդպիսի բան անի։ Եվ ինչո՞ւ պիտի աներ։ Եթե գոնե նրանց միջև մի թշնամանք լիներ․․․ բայց դե այդ էլ չի եղել։ Ես ինքս պատասխանատու եմ մուստանգերի կողմից, նա քանի՜-քանի անգամ է ինձ մոտ գովել ձեր եղբորը։ Ճիշտ է, նա տանել չէր կարողանում ձեր հորաքրոջ որդուն, բայց կա՞ մեկը, որ նրան սիրի, կուզեի իմանալ։ Ներեցեք, որ ես այսպես եմ խոսում ձեզ հետ։ Ա՛յ, եթե ձեր եղբոր և մուստանգերի միջև գժտություն եղած լիներ․․․

― Ո՛չ-ո՛չ,― գոչեց կրեոլուհին իր վշտի պոռթկումով մատնելով իրեն։― Ամեն ինչ հարթվել էր։ Հենրին ուզում էր ներողություն խնդրել, նա ինքն ասաց, որ իրավացի չէ, իսկ Մորիսը․․․ Խոսակցի զարմացած հայացքը նրան ստիպեց լռել։ Դեմքը ձեռքերով ծածկելով նա սկսեց հեկեկալ։

― Է՛խ-է՛խ,― մրմնջաց Զեբը։― Նշանակում է, այնուամենայնիվ, նրանց միջև ինչ-որ բան եղե՞լ է․․․ Դուք ասացիք, միսս Լուիզա, որ․․․ վեճ է եղել ձեր եղբոր և․․․

― Սիրելի Զեբ,― գոչեց աղջիկը ձեռքերը երեսից հեռացնելով և ուղիղ նայելով հսկա որսորդի աչքերին։― Խոստացեք, որ դուք կպահեք իմ գաղտնիքը։ Խոստացեք որպես բարեկամ, որպես ազնիվ ու կարգին մարդ։ Դուք խոստանում եք, չէ՞։

Որսորդը խոստումի փոխարեն բարձրացրեց իր վիթխարի ձեռքը, ապա արտահայտիչ ձևով հարվածեց իր կրծքի ձախ կողմին։

Հինգ րոպե անց նա արդեն տեղյակ էր այն գաղտնիքին, որ կինը հազ-վադեպ է վստահում որևէ տղամարդու և հայտնում է միայն նրան, ով արժանի է ամենախոր՝ վստահության։

Զեբ Ստումպին այս խոստովանությունն ավելի քիչ զարմացրեց, քան կարելի էր սպասել։ Նա միայն ինքն իրեն մրմնջաց․ «Ես այդպես էլ կարծում էի, որ այստեղ մի բան կլինի, մանավանդ պրերիայում ձեր այն արշավից հետո»։

― Դե, այստեղ ի՞նչ կա որ, միսս Լուիզա,― շարունակեց նա կարեկցանքով։― Ամաչելու ոչինչ չկա, ա՛յ, թե ինչ կասեմ ես ձեզ։ Կինը միշտ կին է մնում ինչպես ամեն տեղ, այնպես էլ պրերիայում։ Եվ եթե դուք ձեր սիրտը տվել եք մուստանգերին, դա դեռ չի նշանակում, թե վատ ընտրություն եք կատարել։ Նա թեև իռլանդացի է, բայց հասարակ մարդ չէ, հավատացեք ինձ։ Իսկ մնացած ամեն ինչը, որ դուք պատմեցիք ինձ, հաստատում է իմ ասածը․ նա չէր կարող այդ ոճիրը կատարել, եթե միայն ընդհանրապես կատարված է այդպիսի ոճիր։ Ի՞նչ ապացույցներ կան։ Միայն ա՞յն, որ ձին վերադարձել է թամբն արյունոտված։

― Ավա՜ղ, ուրիշ հանցանշաններ էլ են գտնված։ Երեկ ամբողջ օրը նրան են որոնել։ Երկար ժամանակ հետքերով են գնացել և ինչ-որ բան են գտել, բայց ինձ չասացին, թե ինչ։ Կարծում եմ հայրս չէր ուզում, որ ես այդ իմանամ, իսկ ուրիշներին էլ վախեցա հարցնել։ Այսօր նրանք նորից գնացին ձեր երևալուց մի քիչ առաջ։

― Իսկ մուստանգե՞րը։ Ի՞նչ է ասում նա իրեն արդարացնելու համար։

― Օ՜, ես կարծում էի, թե դուք գիտեք։ Ախր նրան էլ չեն կարողանում գտնել։ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ։ Գուցե նա էլ զոհվել է հենց այն ձեռքով, որն սպանել է իմ եղբորը։

― Նշանակում է նրանք հետքերո՞վ են գնացել։ Երևի մուստանգերի հետքերով։ Եթե նա կենդանի է, իր խրճիթում կլինի, Ալամոյի ափին։ Ինչո՞ւ նրանք այնտեղ չեն գնացել․․․ Ա՜, հասկանում եմ։ Բացի ինձնից ոչ ոք կարգին չգիտե նրա տեղը։ Եվ եթե նրանց ուղեցույցը այն կաթնակեր Սպենգլերն է, նա, իհարկե, հետքը կկորցնի կավճային պրերիայում։ Ուրեմն նրանք էլի՞ այնտեղ են գնացել։

― Այո։ Ես լսեցի, թե ինչպես նրանցից մեկն այդ անունը տվեց։

― Դե, եթե նրանք գնացել են մուստանգերին որոնելու, ես էլ կգնամ։ Գրազ եմ գալիս, որ ես Մորիսին ավելի շուտ կգտնեմ, քան նրանք։

― Հենց դրա համար էլ ես ուզում էի տեսնել ձեզ։ Հորս հետ այսօր շատ խաժամուժ է գնացել։ Ես լսեցի, թե մեկնելիս ինչպես էին հայհոյում նրանք։ Նրանց մեջ կային օրինակատարներ էլ։ Նրանք ինքնադատաստանից էին խոսում։ Ոմանք երդվում էին, որ վրեժ են լուծելու առանց խնայելու։ Օ՜, Աստվա՜ծ իմ։ Ի՞նչ կլինի, եթե նրանք Մորիսին գտնեն, և նա չկարողանա ինչպես հարկն է ապացուցել իր անմեղությունը․․․ Անզուսպ չարությամբ տարված, չէ՞ որ Կասսի Կոլհաունն էլ նրանց հետ է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե նրանք ինչպես կվարվեն նրա հետ։ Սիրելի Զեբ, ի սեր ինձ, ի սեր նրա, չէ՞ որ նա ձեր բարեկամն է, շուտ գնացեք Ալամո։ Անպայման հարկավոր է նրանցից առաջ անցնել և Մորիսին նախազգուշացնել։ Ձեր ձին արագավազ չէ։ Վերցրեք իմը, մեր ախոռից վերցրեք որ ձին կամենաք․․․

― Դուք իրավացի եք,― ընդհատեց նրան որսորդը պատրաստվելով գնալ։― Դա իսկապես կարող է վատ վերջանալ տղայի համար։ Ես ամեն ինչ կանեմ, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ նրան։ Մի անհանգստացեք, միսս Լուիզա։ Ժամանակ դեռ կա, նրանք դեռ պրերիայում շատ կթափառեն մինչև խրճիթը կգտնեն։ Ես իմ պառավ ձիով էլ կարող եմ հասնել, իսկ ձեր խատուտիկին մեղքանում եմ։ Իմ զամբիկն արդեն թամբած է, եթե միայն Պլուտոնը թամբը ցած չի առել։ Մի՛ վշտացեք։ Գուցե և ձեր եղբորը ոչ մի վատ բան չի պատահել։ Իսկ որ Մորիս մուստանգերը մաքուր է, դա ինձ համար պարզ է արևի լույսի պես։

Այս ասելով՝ ծերունի որսորդն անշնորհք ձևով գլուխ տվեց և դուրս գնաց։ Իսկ աղջիկը վազեց իր սենյակը, որպեսզի սիրած տղայի փրկության համար աղոթելով հանգստացնի իր հուզված սիրտը։

Գլուխ XLVII․ Բռնված նամակը

Խուճապային սարսափով բռնված՝ Էլ Կոյոտն ու իր երեք ընկերները նետվեցին դեպի իրենց ձիերը և մի կերպ բարձրացան թամբերի վրա։

Նրանց մտքովն էլ չէր անցնում վերադառնալ մուստանգերի խրճիթը։ Ընդհակառակն, ուզում էին որքան կարելի է հեռու փախչել այդ մենավոր կացարանից ու նրա տիրոջից, որն իրենց առաջ երևաց այդպիսի զարհուրելի կերպարանքով։

Նրանցից ոչ ոք չէր կասկածում, որ դա ինքը՝ «դոն Մորիսիոն» էր։ Բոլոր չորսն էլ ճանաչում էին նրան, Դիազը՝ մյուսներից ավելի, բայց, ամեն մեկն էլ այնքան լավ էր ճանաչում, որ կարող էր համոզվել, թե անգլուխ ձիավորն իռլանդացին է։ Նրանք ճանաչեցին նրա ձին, սռնապանները, սերապեն, որ նավախ ցեղի հնդկացիների ձեռքի գործ էր և սովորական մեքսիկական սերապեներից տարբերվում էր իր վառ նախշերով, և, վերջապես, ճանաչեցին նրա գլուխը։

Նրանք ժամանակ չունեցան դեմքին նայելու։ Գլխին այն սև, փայլուն սոմբրերոն էր, որ սովորաբար ծածկում էր Մորիս մուստանգերը։ Նրանք տեսան, թե ինչպես այն փայլփլեց լուսնի հողերի տակ։

Բացի դրանից, նրանք տեսան մի մեծ շուն, և Դիազն իսկույն ճանաչեց, որ դա իռլանդացու շունն է։ Կատաղի մռնչոցով շունը նրանց վրա հարձակվեց, բայց դա արդեն ավելորդ էր, որովհետև առանց այն էլ նրանք փախչում էին։

Չորս ձիավորներն ամբողջ թափով արշավեցին մացառուտի միջով և պրերիա բարձրացան դարափուլի լանջով, շրջանցելով այն տեղը, որտեղ մտադիր էին սպանությունը կատարել։ Բայց այստեղ էլ նրանք կանգ չառան, այլ շարունակեցին սլանալ քառատրոփ, մինչև որ նորից հասան անտառի այն թավուտը, որտեղ քիչ առաջ իրենք այնքան հաջողությամբ կերպարանափոխվել էին որպես կոմանչներ։

Հետադարձ կերպարանափոխությունը կատարվեց շատ ավելի արագ և նվազ խնամքով։ Ջրամանների ջրով շտապ լվացին իրենց մարմնին քսած ռազմական ներկերը, ծառի փչակից արագ հանեցին իրենց սովորական հագուստը, արագ-արագ հագնվեցին և արշավեցին դեպի Լեոնա։

Վերադարձի ճանապարհին նրանք խոսում էին միայն անգլուխ ձիավորի մասին։ Սարսափահար մեքսիկացիները ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել այդ գերբնական երևույթը։ Եվ այդպես էլ առանց որևէ եզրակացության գալու նրանք ավանի ծայրում հրաժեշտ տվին իրար և ցրվեցին իրենց տները։

― Նզո՛վք,― գոչեց Էլ Կոյոտը իր խրճիթի շեմքից ներս մտնելով և ընկնելով եղեգնյա անկողնի վրա։― Սրանից հետո էլ քնե՞լ կլինի։ Տե՜ր Աստված, ի՜նչ զարհուրելի բան էր։ Մարդու արյուն է սառում երակների մեջ։ Եվ մի բան էլ չկա, որ մարդ մի քիչ տաքանա։ Խմիչքիս ամանը դատարկ է։ Պանդոկը փակ է։ Բոլորը քնած են։ Սո՜ւրբ Աստվածածին։ Այն ի՞նչ կարող էր լինել։ Ուրվակա՞ն։ Բայց ո՛չ։ Չէ՞ որ ես ինքս ձեռք տվի նրա մարմնին։ Վիսենտեն էլ մյուս կողմից էր բռնել նրան։ Հո չէինք կարող եր-կուսս էլ սխալվել։ Իսկ եթե դա խրտվիլակ էր, հապա ինչի համար էր և ո՞ւմ էր պետք։ Բացի ինձնից ու իմ ընկերներից էլ ո՞ւմ էր հարկավոր դիմակահանդես սարքել պրերիայում։ Գրող ու ցա՛վ։ Ի՜նչ զարհուրելի դիմակ էր․․․ Բայց, սպասի՛ր։ Չլինի ինձնից առաջ ընկնող է եղել, գուցե որևէ մեկ ուրի՞շն է արդեն վաստակել հազար դոլարը։ Գուցե դա իռլանդացին էր՝ սպանված, գլխատված և իր սեփական գլուխը իր ձեռքին։ Ո՛չ, չի՛ կարող լինել, հրեշավոր է, անհավատալի և նման չէ ճշմարտության։ Հապա ուրեմն ի՞նչ էր դա․․․ Ա՜, հասկացա։ Նրան կարող էին նախազգուշացնել մեր գնալու մասին կամ ինքը կարող էր որոշ բան կասկածած լինել և այդ կոմեդիան սարքել էր մեզ վախեցնելու համար։ Գուցե հենց ինքն էլ վկա է եղել մեր այս ամոթալի փախուստին։ Նզո՛վք։ Բայց ո՞վ կարող էր մատնել մեզ։ Ոչ ոք։ Չէ՞ որ իմ մտադրության մասին ոչ ոք չգիտեր։ Ուրեմն էլ ինչպե՞ս կարող էր նա այդպիսի մի հրեշավոր բան սարքել․․․ Ա՜խ, հա, մոռացել էի․ չէ՞ որ մենք պրերիայով գնում էինք ցերեկով։ Կարող էին մեզ տեսնել և մեր մտադրությունը կռահել։ Դե, իհարկե։ Իսկ հետո, մինչ մենք անտառում զգեստափոխվում էինք, նա կարող էր ամեն ինչ պատրաստել։ Ուրիշ բացատրություն չկա։ Հիմարներ ենք եղել, վախեցել ենք խրտվիլակից։ Գրո՛ղ։ Դա նրան չի օգնի։ Հենց վաղը նորից կգնամ Ալամո։ Ես կվաստակեմ այդ հազար դոլարը, թեկուզ դրա համար մի ամբողջ տարի հարկավոր լինի։ Ասենք՝ բանը փողը չէ։ Այն էլ բավական է, որ ես զրկվել եմ Իսիդորայից։ Գուցե և այդ այդպես չէ, բայց հենց միայն կասկածն էլ անտանելի է։ Եթե միայն ես իմանամ, որ Իսիդորան սիրում է նրան, որ նրանք այն օրվանից հետո էլի հանդիպել են․․․ Օ՜, Աստվա՜ծ իմ, ես կխելագարվեմ։ Օ՜, դոնյա Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս՝ գեղեցկության հրեշ-տակ և նենգության դև։ Ես կարող եմ խեղդել քեզ իմ գրկի մեջ կամ դաշունահար անել։ Սրանցից մեկն է լինելու քո վախճանը։ Եվ ընտրությունը քեզ եմ թողնում։

Այս սպառնալիքը, ինչպես և խորհրդավոր երևույթի այսպիսի բացատրությունը մի փոքր հանգստացրեց նրան, և շուտով նա քուն մտավ։

Նա արթնացավ այն պահին, երբ առավոտյան լույսը ներս նայեց դռան միջով և միաժամանակ շեմքում երևաց մի մարդ։

― Խոսե՜,― գոչեց էլ Կոյոտը զարմանքով և նկատելի ուրախությամբ։― Այդ դո՞ւ ես։

― Այո՛, սինյոր, ես եմ։

― Ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ, սիրելի Խոսե։ Դոնյա Իսիդորան է՞լ այստեղ է, այսինքն, ուզում եմ ասել Լեոնայո՞ւմ է։

― Այո՛, սինյոր։

― Այդպես, շո՞ւտ։ Չէ՞ որ երկու շաբաթ էլ չի անցել, ինչ նա գնացել էր այստեղից, այնպես չէ՞։ Ես ավանում չեմ եղել, բայց լսել եմ։ Ես քեզանից լուր էի սպասում։ Ինչո՞ւ դու ինձ նամակ չէիր գրում։

― Միայն նրա համար, սինյոր դոն Միգուել, որ վստահելի մարդ չկար։ Ես պետք է ձեզ հայտնեի այնպիսի մի բան, որ ուրիշի վստահել չէր կա-րելի։ Դժբախտաբար դուք գոհ չեք լինի իմ հաղորդածից։ Բայց իմ կյանքը ձեզ է պատկանում, և ես խոստացել եմ, որ ձեզ պետք է հայտնի լինի ամեն ինչ։

Էլ Կոյոտը խայթվածի պես վեր թռավ։

― Մորիսի և Իսիդորայի՞ մասին։ Ես այդ տեսնում եմ քո դեմքից։ Քո տիրուհին հանդիպե՞լ է նրա հետ։

― Ո՛չ, սինյոր։ Համենայնդեպս, որքան ինձ հայտնի է, այն առաջին հանդիպումից հետո նրանք իրար չեն տեսել։

― Էլ ուրեմն ի՞նչ,― հարցրեց Դիազը նկատելիորեն հանգստացած։― Նա այստե՞ղ էր, երբ Մորիսը հյուրանոցումն էր ապրում։ Որևէ բա՞ն է պատահել։

― Այո, դոն Միգուել։ Երեք անգամ ես Մորիսին մթերքով լի զամբյուղ եմ տարել, որ նրա համար ուղարկում էր դոնյա Իսիդորան։ Վերջին ան-գամ զամբյուղում մի նամակ էլ կար։

― Նամա՜կ։ Դու գիտե՞ս նրա բովանդակությունը, կարդացե՞լ ես այն։

― Ձեր շնորհիվ, խեղճ ու անտեր երեխայի նկատմամբ ձեր ցուցաբերած բարության շնորհիվ, ես կարողացա կարդալ այն և նույնիսկ արտագրել։

― Հիմա մո՞տդ է։

― Այո։ Այ, տեսնո՞ւմ եք, դոն Միգուել․ իզուր չէր, որ դուք ինձ դպրոց ուղարկեցիք։ Ահա թե դոնյա Իսիդորան ինչ է գրել։

Դիազն անհամբեր շարժումով թուղթը պոկեց նրա ձեռքից և սկսեց ագահաբար կարդալ։ Բայց նամակը կարծես նույնիսկ հանգստացրեց նրան։

― Կարամբա՛,― հանդարտված ասաց նա նամակը ծալելով։― Սրա մեջ մի առանձին բան չկա, սիրելի Խոսե։ Սրանով աղջիկը միայն շնորհակալություն է հայտնում իրեն մատուցած ծառայության համար։ Եթե այս է ամբողջը․․․

― Ո՛չ, դա ամբողջը չէ, դոն Միգուել։ Եվ հենց դրա համար էլ եկել եմ ձեզ մոտ։ Ես մի նամակ էլ ունեմ, որ պիտի տանեմ ավան։ Կարդացեք։

― Ա՜, ուրի՞շ նամակ։

― Այո, սինյոր։ Այս արդեն իսկական նամակն է և ոչ թե իմ խզմզածը։

Դիազը դողդոջուն ձեռքով վերցրեց իրեն մեկնած թուղթը, բացեց ու սկսեց կարդալ․

«Սինյոր դոն Մորիսիո Ջերալդին։

Թանկագին բարեկամս, ես նորից այստեղ հյուր եմ եկել իմ հորեղբայր Սիլվիոյին։ Այլևս չեմ կարող ապրել առանց ձեզանից մի տեղեկություն ստանալու։ Անհայտությունը տանջում է ինձ։ Հայտնեցեք ինձ, կազդուրվե՞լ եք դուք ձեր հիվանդությունից հետո։ Օ՜, եթե կազդուրված լինեիք։ Որքա՜ն եմ ուզում տեսնել ձեր աչքերը, ձեր գեղեցիկ, արտահայտիչ աչքերը, որպեսզի համոզվեմ, որ դուք բոլորովին առողջ եք։ Աղաչում եմ ձեզ, տվեք ինձ այդ հնարավորությունը։ Կես ժամից հետո ես կլինեմ իմ հորեղբոր տան ետևի բլրի գագաթին։

Անպայման եկեք, կսպասեմ ձեզ։

Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս»։

― Նզո՛վք։ Սիրային տեսակցությո՜ւն,― ցասումով գոչեց Դիազը։― Սա ուրիշ կերպ անվանել չի լինի։ Եվ տեսակցությունն աղջիկն է նշանակում։ Փա՛հ։ Նրա հրավերը կընդունվի, միայն թե ընդունողը նա՛ չի լինի, ում այսպիսի սիրով հրավիրում է։ Ուշացում չի լինի ոչ մի րոպե և, Աստված վկա, վրեժն էլ կլինի․․․ Լսի՛ր ինձ, Խոսե։ Այս նամակը բանի պետք չէ։ Ում որ հասցեագրված է, արդեն ոչ ավանումն է, ոչ էլ այս մոտերքում։ Աստված գիտե, թե հիմա նա որտեղ է։ Դա մի ինչ-որ գաղտնիք է։ Բայց ոչինչ։ Գնա հյուրանոց և, միևնույն է, հարցրու, թե այնտե՞ղ է նա։ Դու պետք է հանձնարարությունը կատարես։ Նամակը թող ինձ։ Ես այն քեզ կտամ, երբ վե-րադառնալիս կլինես, և դու կտանես քո տիրուհուն։ Ահա քեզ մի դոլար․ կխմես պանդոկում։ Սինյոր Դոֆերը հիանալի ագվարդիենտե ունի։ Դե՛հ, ցտեսություն։

Խոսեն ոչ մի բացատրություն չհարցրեց և, իր դոլարը վերցնելով, լուռ դուրս գնաց խրճիթից։ Դեռ նոր էր նա գնացել, երբ Դիազն էլ դուրս եկավ իր կացարանից։ Շտապ-շտապ ձին թամբելով՝ նա նետվեց թամբի վրա և գնաց հակառակ ուղղությամբ։

Գլուխ XLVIII․ Իսիդորան

Արևը հենց նոր էր բարձրացել հորիզոնի վրա։ Նրա կլոր սկավառակը, որ ասես զուտ ոսկուց լիներ ձուլված, շողշողում էր պրերիայի խոտերի վրա։ Ոսկեփայլ ճառագայթները թափանցում էին սավաննայում այստեղ-այնտեղ ցրված անտառների թավուտի մեջ։ Ցողի խոշոր կաթիլները դեռ ակացիաներից կախված ծանրացնում էին նրանց փետրանման տերևները և արցունքի պես գլորվում գետնին։ Եվ թվում էր, թե ծառերը սգում են, որ անջատվում են գիշերվանից, ափսոսում են, որ բաժանվում են զովությունից ու խոնավությունից, վախենում են ցերեկվա կիզիչ տապին հանդիպելուց։ Թռչուններն ուրախ ճռվողում էին ճյուղերի մեջ, ասես ողջունելով ծագող արևին։ Սակայն հազիվ թե այդ ժամին, բացի Տեխասի պրերիայից, ուրիշ որևէ տեղ կարելի լիներ արթուն մարդու հանդիպել։ Այդ վայրերում արևածագի պահն օրվա ամենահաճելի ժամանակն է, և քիչ մարդ կպատահի, որ այդ ժամն անցկացնի անկողնում կամ սենյակի մենության մեջ։

Լեոնա գետի ափին, Ինջ ամրոցից մի երեք մղոն դեպի ցած, երևաց մի մարդ, որը քունը թողած դուրս էր եկել թավուտում զբոսնելու։ Նա ոտքով չէր գնում, այլ նստել էր մի կրակոտ ձի, որին դուր չէր գալիս, որ դանդաղեցնում էին իր ընթացքը։ Այս նկարագրությունից գուցե դուք կկարծեք, թե ձիավորը տղամարդ էր, բայց չէ՞ որ գործողությունը կատարվում է հարավային Տեխասում, որտեղ դեռ իսպանա-մեքսիկացիներ են ապրում, և լիովին հնարավոր է, որ այդ ձիավորը կին լինի։ Այս ենթադրությանը չեն հակասում ո՛չ ձիավորի գլխի կլոր գլխարկը, ո՛չ սերապեն, որ վաղորդյան զովի պատճառով ուսերին է գցել, ո՛չ էլ այն, որ նա տղամարդավարի է հեծել ձին, մի բան, որ Եվրոպայում կնոջ համար անվայել կհամարվեր։

Ուշիուշով դիտելով՝ դուք կհամոզվեք, որ դա իրոք կին է։ Նայեցեք փոքրիկ ձեռքին, որով սանձն է բռնել, ասպանդակների մեջ խրված փոքրիկ ոտքերին, կանացի գեղանի իրանին, որ նույնիսկ ծանր սերապեի տակ նկատվում է, և, վերջապես, հիանալի փայլուն մազերին, որոնք դուրս են թափվում սոմբրերոյի տակից։

Այժմ արդեն կասկած չի մնում, որ ձեր առաջ կին է, թեև նրա որոշ սովորությունները կնոջ համար սովորական չեն։ Դա դոնյա Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոսն է։

Նրա քսան տարին արդեն լրացել է, և ըստ մեքսիկական հասկացո-ղության նրան դեռատի համարել չի կարելի։ Իր թուխ մազերով նա բավական գեղեցիկ է։ Բայց գեղեցկությունը վագրի գեղեցկություն է, որն ավելի շատ վախ է ներշնչում, քան քնքուշ սեր։

Նայեցեք նրա աչքերին և դուք իսկույն կնկատեք, որ կնոջ համար անսովոր բնավորություն ունի, իր չքնաղ դեմքին արտացոլում է հաստատակամություն, վճռականություն և սահման չիմացող խիզախություն։ Քնքուշ դիմագծերի մեջ դուք չեք գտնի թուլության ոչ մի նշան, երկչոտության ոչ մի նշույլ։ Թուխ դեմքին տարածված ալ կարմիրը չի չքանա նույնիսկ մահացու վտանգի րոպեին։

Լեոնայի անտառապատ հովտով աղջիկը գնում է մեն-մենակ։ Ոչ հեռու մի տուն է երևում, բայց աղջիկը հեռանում է նրանից։ Դա նրա հորեղբայր Սիլվիո Մարտինեսի հասիենդան է, որի դարբասից էլ հենց նոր դուրս է եկել նա։

Դեռատի մեքսիկուհին ազատ ու վստահ է նստել թամբին։ Նրա ձին տաքարյուն է և ուզում է ծառս լինել, բայց դուք մի՛ անհանգստացեք դեռատի ձիավորի մասին, նա հիանալիորեն կարողանում է զսպել ձիուն։

Աղջկա ձեռքին հարմար թեթև լասսոն կանոնավոր փաթաթված, կախված է թամբի աղեղից։ Երևում է, որ Իսիդորան ժամանակ չի խնայում դրա համար և երևի կարողանում է լավ օգտագործել այն։ Եվ իսկապես էլ այդպես է․ նա լասսոն նետում է հմուտ մուստանգերի վարպետությամբ։ Իսիդորան պարծենում է իր հմտությամբ․ դա նրա սիրած զվարճություններից մեկն է։

Նա գնում է ոչ թե գետափի մեծ ճանապարհով, այլ շեղակի մի կածանով, որը դուրս է գալիս նրա հորեղբոր հասիենդայից և մեծ ճանապարհին միանում է միայն մերձակա բլրի գագաթին, ավելի ճիշտ՝ գետահովտի դարափուլ ափին։

Կածանը դիք բարձրանում է դեպի վեր, այնքան դիք, որ ձին սկսում է ծանր շնչել։ Վերջապես հեծյալը հասնում է դարափուլի գագաթը, որտեղով անցնում է մեծ ճանապարհը։

Իսիդորան սանձը ձգում է, բայց ոչ նրա համար, որ ձիուն հանգիստ տա, այլ նրա համար, որ հասել է իր ցանկացած տեղը։

Ճանապարհի կողքին երկու-երեք ակր տարածությամբ մի կլոր բացատ կա, որ ծածկված է կանաչ խոտով։ Դա կարծես մի փոքրիկ պրերիա լինի։ Փշփշուտ թփերը, որոնք ամենևին նման չեն այն անտառին, որից հենց նոր դուրս եկավ Իսիդորան, բացատը շրջապատել են բոլոր կողմերից։ Երեք հազիվ նշմարելի շավիղ նրանից ձգվում են տարբեր ուղղություններով, կտրում-անցնում են մացառուտը։

Բացատի կենտրոնում Իսիդորան սանձը քաշում է և ձիու վզին թփթփացնում, որպեսզի հանգստացնի նրան։ Թեև հազիվ թե դրա կարիքը լինի․ դիք վերելքն այնքան է հոգնեցրել ձիուն, որ նա այլևս առաջ չի նետվում և անհամբերություն չի ցուցաբերում։

― Ես նշանակված ժամից շուտ եմ եկել,― գոչեց դեռատի ձիավորը իր սերապեի տակից հանելով ոսկե ժամացույցը։― Կամ գուցե նա ամենևին էլ չի՞ գա։ Ա՜խ, երանի այնքան կազդուրված լինի, որ կարողանա գալ․․․ Ես ամբողջ մարմնով դողում եմ։ Թե՞ այդ իմ ձիու շնչառությունն է։ Օ՜, ո՛չ, ես ինքս եմ դողում։ Ես երբեք այսքան հուզված չեմ եղել։ Վա՞խ է սա։ Երևի։ Որքան տարօրինակ է, որ վախենում եմ իմ սիրած մարդուց, միակ մարդուց, որին երբևիցե սիրել եմ։ Հո չի՛ կարելի սեր անվանել այն, ինչ ես զգացել եմ դոն Միգուելի նկատմամբ։ Դա ինքնախաբեություն էր։ Ի՜նչ լավ է, որ դրանից ազատվեցի։ Բարեբախտաբար ես նկատեցի, որ նա վախկոտի մեկն է։ Այդ հայտնագործությունը իմ ռոմանտիկական երազանքների հերոսին տապալեց իր պատվանդանից։ Որքա՜ն ուրախ եմ դրա համար։ Հիմա ես ատում եմ դոն Միգուելին, որովհետև նա կարծես թե դարձել է․․․ Սո՜ւրբ Աստվածածին, մի՞թե, իսկապես, նա ավազակ է դարձել։ Բայց ես չէի վախենա նրան հանդիպել նույնիսկ այս հեռավոր վայրում։ Տե՜ր Աստված, սա ի՞նչ բան է․ վախենալ նրանից, ում սիրում ես, ում համարում ես ազնիվ ու բարի մարդ, և միևնույն ժամանակ վախ չունենալ նրանից, ում խորապես ատում ես, իմանալով, որ նա դաժան է ու նենգավոր։ Անհասկանալի է։ Անըմբռնելի։ Բայց և այնպես այստեղ անհասկանալի ոչինչ չկա։ Ես դողում եմ ոչ թե վտանգի վախից, այլ սիրված չլինելու վախից։ Ահա թե ինչու եմ դողում հիմա։ Ահա թե ինչու ես հանգիստ քուն չունեմ այն օրից, երբ Մորիս Ջերալդն ինձ ազատեց հարբած վայրենիների ձեռքից։ Ես նրան երբեք ոչ մի խոսք չեմ ասել իմ զգացմունք-ների մասին։ Եվ չգիտեմ, թե նա ինչպես կընդունի իմ խոստովանությունը։ Բայց և այնպես նա պետք է իմանա։ Ես այլևս չեմ կարող տանել այս տանջալից անհայտությունը։ Գերադասում եմ հուսախաբությունը, նույնիսկ մահը, եթե միայն իմ երազանքները խաբեն ինձ․․․ Ահա՜, սմբակների դո-փյուն եմ լսում։ Ճանապարհով ձի է արշավում։ Նա՞ է արդյոք։ Այո՛։ Ծառե-րի միջով ես տեսնում եմ մեր ազգային հագուստի վառ գույները։ Մորիս Ջերալդին դուր է գալիս այդպիսի շոր հագնելը։ Եվ զարմանալի է, որքան է սազում նրան։ Սո՜ւրբ Աստվածածին։ Ես փաթաթված եմ սերապեի մեջ, գլխիս սոմբրերո է։ Նա ինձ տղամարդու տեղ կգնի։ Կորչի՛ այս այլանդակ դիմակավորումը։ Ես կի՛ն եմ, և նա պետք է իր առաջ կին տեսնի։

Մի վայրկյանում Իսիդորան վրայից պոկում է սերապեն ու գլխարկը․ նույնիսկ բեմում կերպարանափոխումը հազիվ թե այդպես արագ կատարվեր։ Եվ ահա խիտ թփուտի ֆոնի վրա երևում է կանացի մի նուրբ իրան ու չքնաղ մի գլուխ, որ արժանի է քանդակագործ Կանովային[58]։

Փոքր-ինչ բարձրանալով ասպանդակների վրա և առաջ թեքվելով՝ չքնաղ ձիավորն ամբողջովին սպասում դարձավ։

Հակառակ ամեն ինչի նա վախի նշույլ անգամ չի ցուցաբերում։ Շուրթերը չեն դողում, դեմքին գունատություն չի նկատվում։

Ընդհակառակն, դեպի առաջ սևեռած նրա հայացքի մեջ հպարտ սիրո կանչ կա, արուին սպասող մարի արծվի կանչ։

Բայց հանկարծ նա ամբողջովին կերպարանափոխվում է։ Նա ճանաչում է մոտեցող ձիավորին։ Ոսկեվառ հագուստը նրան մոլորության մեջ էր գցել։ Մեքսիկական զգեստով ձիավորը ոչ թե Մորիս Ջերալդն էր, այլ՝ Միգուել Դիազը։

Իսիդորայի դեմքի ուրախությունը փոխվում է վհատության։ Աղջիկն իջնում է թամբի վրա, և նրա կրծքից դուրս թռած հառաչանքը հուսահատության ճիչի է նմանվում։ Նրա դեմքին վախ չի երևում, այլ միայն հուսախաբություն ու սրտնեղանք։

Էլ Կոյոտն առաջինը խոսեց․

― Ա՜, այդ դո՞ւք եք, սինյորիտա։ Ո՞վ կսպասեր ձեզ տեսնել այս հեռավոր անկյունում․ վարդ՝ այս փշոտ թփերի մեջ։

― Իսկ դա ձեր ի՞նչ գործն է, դոն Միգուել Դիազ։

― Զարմանալի՜ հարց, սինյորիտա։ Իհարկե դա իմ գործն է, և դուք էլ գիտեք այդ։ Դուք շատ լավ գիտեք, որ խելացնորի պես սիրում եմ ձեզ։ Հիմար էի ես, որ այդ խոստովանեցի ձեզ և ինձ հայտարարեցի ձեր ստրուկը։ Հենց այդ էլ այդպես արագ պաղեցրեց ձեր զգացմունքները։

― Դուք սխալվում եք, սինյոր։ Ես երբեք չեմ ասել, թե սիրում եմ ձեզ։ Եթե ասել եմ, որ հիանում եմ ձիավարության ձեր հմտությամբ, դուք իրավունք չունեիք այլ կերպ մեկնաբանելու իմ խոսքերը։ Ես հիացած եմ եղել ձեր հմտությամբ և ոչ թե ձեզնով։ Եվ, բացի դրանից, դա երեք տարի առաջ էր։ Այն ժամանակ ես դեռ փոքր աղջիկ էի, այն տարիքում, երբ այդպիսի բաներն ուժեղ տպավորություն են գործում, երբ մենք այնքան անմիտ ենք լինում, որ գնահատում ենք ավելի շատ արտաքին փայլը և ոչ թե հոգեկան հատկությունները։ Բայց հիմա ես մեծացել եմ և միանգամայն բնական է, շատ բաների նկատմամբ այլ վերաբերմունք ունեմ։

― Գրո՛ղը տանի, բայց ինչո՞ւ էիք դուք ինձ սուտ հույսեր ներշնչում։ Հիշո՞ւմ եք անասունների խարանման օրը, երբ ես զսպեցի ամենակատաղի ցուլը և հնազանդեցրի ձեր հոր ամենավայրի ձին։ Չէ՞ որ ոչ մի վակերո չէր համարձակվի մոտենալ նրանց։ Այդ օրը դուք ժպտացիք ինձ և սիրագորով նայեցիք ինձ։ Մի՛ ժխտեք այս, դոննա Իսիդորա։ Ես բավական լավ եմ ճանաչում մարդկանց և ձեր դեմքին նայելով, հեշտությամբ կարող էի կռահել, թե դուք ինչ էիք մտածում և զգում։ Բայց հիմա դուք փոխվել եք։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև ես ենթարկվեցի ձեր հրապուրանքին, կամ, ավելի ճիշտ, որովհետև հիմարություն ունեցա խոստովանելու այդ։ Եվ դուք, ինչպես սովորաբար անում են կանայք, կորցրիք ձեր հետաքրքրությունը պարտվածի նկատմամբ։ Այսպես է, չէ՞, սինյորիտա, մի՛ ժխտեք այս։

― Ո՛չ, այդպես չէ, դոն Միգուել Դիազ։ Ես երբեք ո՛չ խոսքով, ո՛չ հայացքով ձեզ սեր չեմ խոստովանել։ Դուք ինձ համար պարզապես եղել եք հմուտ ձիավար և ազնիվ կաբալերո։ Համենայնդեպս այն ժամանակ ինձ այդպես էր թվում։ Բայց ի՞նչ եք դարձել դուք հիմա։ Գիտե՞ք, թե ձեր մասին ինչ են ասում այստեղ և Ռիո Գրանդեում։

― Ես հարկ չեմ համարում պատասխանելու բամբասանքին, բարեկամ-դավաճանների կողմից լինի այն, թե կեղծ թշնամիների։ Ես այստեղ եմ եկել բացատրություններ ստանալու համար և ոչ թե տալու։

― Ո՞ւմից։

― Ձեզնի՞ց, չքնաղ Իսիդորա։

― Դուք շատ ինքնավստահ եք, դոն Միգուել Դիազ։ Մի մոռացեք, սինյոր, թե ում հետ եք խոսում։ Հիշեցեք, որ ես դուստրն եմ․․․

― ․․․ Թամաուլիպասի ամենագոռոզ ագարակատերերից մեկի և Տեխասի ո՛չ պակաս գոռոզ ագարակատիրոջ եղբոր դուստրը։ Ես այդ ամենի մասին մտածել եմ։ Հիշել եմ նաև, որ մի ժամանակ ես էլ հասիենդա ունեի, իսկ հիմա եղած-չեղած՝ մի մուստանգեր եմ։ Կարամբա՛։ Դա մի մեծ դժբախտություն չէ։ Դուք այն կանանցից չեք, որոնք կարող են մարդուն արհամարհել միայն նրա համար, որ նա հարուստ չէ։ Երևում է աղքատ մուստանգերն էլ նույնքան կարող է հույս դնել ձեր բարեհաճության վրա, որքան հարյուրավոր երամակների տերը։ Ես ձեր այդ մեծահոգության ապացույցն ունեմ։

― Ի՞նչ ապացույց,― արագ հարցրեց աղջիկը՝ առաջին անգամ անհանգստություն ցուցաբերելով։― Որտե՞ղ է մեծահոգության այդ ապացույցը, որ դուք այդպես սիրալիրությամբ ինձ եք վերագրում։

― Այս հիանալի նամակի մեջ։ Ահա այն իմ ձեռքումն է՝ դոնյա Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս ստորագրությամբ։ Մի նամակ, որ ուղղված է ինձ նման մի խեղճ մուստանգերի։ Կարծում եմ հարկ չկա ձեր ձեռքը տալու․ դուք հեռվից էլ կարող եք ճանաչել, չէ՞։

Իսիդորան ճանաչեց նամակը։ Դիազի վրա գցած ցասումնալից հայացքն․ այդ էր ցույց տալիս։

― Ինչպե՞ս է այդ նամակը ձեր ձեռքն ընկել,― հարցրեց Իսիդորան՝ չփորձելով թաքցնել իր ցասումը։

― Դա կարևոր չէ։ Հիմա այն իմ ձեռքումն է։ Ես վաղուց էի ձգտում սրան։ Ո՛չ նրա համար, որպեսզի իմանամ, թե դուք դադարել եք ինձնով հետաքրքրվել, այդ ինձ համար վաղուց պարզ էր, այլ նրա համար, որպեսզի ապացույց ունենամ, որ դուք տարված եք ուրիշով։ Այս նամակը ցույց է տալիս, որ դուք սիրում եք Մորիս մուստանգերին, դուք երազում եք նայել նրա գեղեցիկ աչքերին։ Բայց իմացած եղեք, դուք երբեք չե՛ք տեսնի նրան։

― Այդ ի՞նչ է նշանակում, դոն Միգուել Դիազ։

Այս հարցը նա տվեց դողդոջ ձայնով, ասես վախենալով պատասխանը լսել։ Եվ դա զարմանալի չէր․ Էլ Կոյոտի դեմքի արտահայտությունը վախ էր ներշնչում։

Այդ բանը նկատելով՝ Դիազը պատասխանեց․

― Ձեր երկյուղը միանգամայն տեղին է։ Եթե ես կորցրել եմ ձեզ, դոնյա Իսիդորա, ուրեմն դուք մի ուրիշին էլ չպետք է պատկանեք․ ես այդպես եմ որոշել։

― Չեմ հասկանում։

― Ես արդեն ասացի․ ուրիշ ոչ ոք ձեզ իրենը չի կոչի, և, իհարկե, ոչ էլ Մորիս մուստանգերը։

― Մի՞թե։

― Այո՛։ Հենց այդպես։ Խոստացեք ինձ, որ այլևս երբեք չեք հանդիպի նրան, հակառակ դեպքում դուք այստեղից չեք գնա։

― Դուք կատա՞կ եք անում, դոն Միգուել։

― Ո՛չ, ես միանգամայն լուրջ եմ խոսում, դոնյա Իսիդորա։

Այդ խոսքերի անկեղծությունը կասկածից դուրս էր։ Չնայած մեքսիկացու վախկոտությանը, նրա հայացքն արտահայտում էր պաղ ու դաժան վճռականություն, իսկ ձեռքն արդեն դաշույնի վրա էր։

Նույնիսկ խիզախ Իսիդորան ահ զգաց։ Նա տեսավ, որ իրեն վտանգ է ապառնում, որից խույս տալը հեշտ բան չէ։ Հանդիպման առաջին իսկ րոպեին նրա սիրտը մի քիչ դող էր ընկել, բայց նա հույս ուներ, որ Մորիսի երևալը կընդհատի այդ անհաճո խոսակցությունը և այլ ուղղություն կտա նրան։ Դեռատի մեքսիկուհին լարված ականջ էր դնում, թե ձիու դոփյուն չի՞ լսվում արդյոք, և երբեմն-երբեմն հայացք էր գցում այն թփուտին, որտեղից սպասում էր այդ ձայնը։

Այժմ այդ հույսը խորտակվել էր․ քանի որ նամակը մեքսիկացու ձեռքումն է, նշանակում է չի հասել նրան, ում ուղարկված է։

Օգնություն սպասելն իզուր էր, և աղջիկը մտածում էր փախուստի մասին։

Բայց դա դժվար էր և վտանգավոր։ Նա կարող էր ձին շուռ տալ ու արշավել, բայց այդ դեպքում նա թիկունքից գնդակի հարված կստանար, որովհետև ատրճանակի կոթը Էլ Կոյոտի ձեռքից ավելի շատ չէր հեռու, քան դաշույնի կոթը։

Իսիդորան լրիվ հասկանում էր դրության լրջությունը։ Նրա տեղը ինչ կին էլ լիներ, կշփոթվեր, բայց Իսիդորա Քովարուբիոն նույնիսկ ցույց չտվեց, թե սպառնալիքը որևէ տպավորություն է թողել իր վրա։

― Հիմարությո՜ւն,― գոչեց նա անտարբերություն ձևացնելով։― Դուք կատակ եք անում, սինյոր։ Դուք ուզում եք վախեցնել ինձ։ Հա՛-հա՛-հա՛։ Իսկ ես ինչո՞ւ պիտի վախենամ ձեզնից։ Ես ձին ավելի վատ չեմ քշում, քան դուք։ Լասսոն էլ ես նույնքան հեշտ և նույնքան հեռու եմ նետում, որքան դուք։ Տեսեք, թե ինչպիսի ճարպկությամբ եմ գործածում այն։

Այս խոսքերն ասելով ժպիտը դեմքին՝ աղջիկը լասսոն արձակեց թամբի աղեղից և սկսեց պտտեցնել իր գլխավերևում, որպես թե իր հմտությունը ցույց տալով։

Դիազի մտքով էլ չանցավ, որ նա բոլորովին այլ մտադրություն ուներ։ Իսիդորայի վարմունքից շվարած՝ նրան էր նայում։

Երբ զգաց, որ լասսոն ամուր սեղմվում է իր արմունկների շուրջը, միայն այդ ժամանակ նա ամեն ինչ հասկացավ, բայց պաշտպանվելու համար արդեն ուշ էր։ Հաջորդ րոպեին նրա ձեռքերն ամուր սեղմված էին կողքերին, և նա արդեն չէր կարող ո՛չ իր դաշույնը հանել, ո՛չ էլ ատրճանակը։

Նա ուզեց ազատվել օղակից, բայց նախքան կկարողանար լասսոն բռնել, մի ուժեղ հրումով ցած ընկավ թամբից և ուշաթափ ընկավ գետնին։

― Դե՜, դոն Միգուել Դիազ,― գոչեց Իսիդորան ձիու գլուխը շուռ տալով,― այլևս ինձ մի՛ սպառնացեք։ Եվ ազատվելու փորձ էլ մի արեք։ Բավական է, որ ձեր մի մատը շարժեք, ես առաջ կարշավեմ։ Խարդախ չարագործ։ Չնայած քո վախկոտությանը, դու ուզում էիր սպանել ինձ․ ես այդ կարդացի քո աչքերի մեջ։ Բայց մեր դերերը փոխվեցին, և հիմա․․․

Պատասխան չլսելով՝ աղջիկը լռեց, շարունակելով լասսոն ամուր ձգած պահել հայացքը չհեռացնելով ընկած մարդուց։

Էլ Կոյոտն անշարժ ընկած էր գետնին։ Ձիուց ընկնելով նա ուշաթափ էր եղել և ոչ միայն խոսել չէր կարող, այլև ոչինչ չէր գիտակցում։ Թվում էր, թե մեռած է։

― Սո՜ւրբ Աստվածածին, մի՞թե ես սպանեցի նրան,― գոչեց Իսիդորան փոքր-ինչ ետ տալով իր ձին, բայց դեռ շուռ չգալով և պատրաստ ամեն րո-պե հեռու սլանալ։― Ես այդ չէի ուզում, թեև լիակատար իրավունք ունեի, չէ՞ որ նա ինքն էր ուզում սպանել ինձ․․․ Մեռել է արդյոք, թե՞ մեռած է ձևանում, որպեսզի ես մոտենամ իրեն։ Թող ուրիշները պարզեն այդ։ Այժմ ես կարող եմ ազատ տուն գնալ, նա իմ ետևից չի հասնի։ Հասիենդայից ծառաներ կուղարկեմ, և թող նրանք սրա կապանքներն արձակեն։ Մնաս բարով, դոն Միգուել Դիազ։

Այս ասելով՝ Իսիդորան իր կորսաժի տակից մի փոքրիկ դանակ հանեց, հենց ուղիղ թամբի աղեղի մոտից լասսոն կտրեց և առանց խղճի խայթ զգալու սլացավ տուն, այդպես էլ լասսոյից չազատելով գետնին փռված Դիազին։

Գլուխ XLIX․ Լասսոն արձակված

Արծիվն անհանգստացած մի ճիչ արձակելով վեր է սլանում դեպի երկինք։ Զայրացկոտ ձայներից վախեցած՝ նա թողել է պառավ կաղամախի ճյուղը և թռչում է հետախուզության։

Հզոր թևերի մի թափահարում՝ և նա արդեն ճախրում է բարձր երկնքում, սևեռուն հայացքով դիտելով բացատն ու նրան շրջապատող մացառուտները։ Բացատում նա տեսնում է գետնին փռված և, ըստ երևույթին, մեռած մի մարդ։ Նրա կողքին բարձր վրնջոցով վազվզում է մի ձի։ Մացառուտում նա տեսնում է երկու ձիավոր։ Մեկը, որ գլուխը բաց է, թամբին նստել է տղամարդավարի, քառատրոփ հեռանում է բացատից, և քամին ծածանում է նրա երկար մազերը։ Մյուս ձիավորը խատուտիկ նժույգի վրա կողքանց նստել է կանացի թամբին և գնում է դեպի բացատը։ Նա հագին ամազոնկա ունի, գլխին՝ կանացի գլխարկ, ձին քշում է դանդաղ վարգով, բայց նա ևս հուզված է երևում։

Ահա թե ինչ է տեսնում արծիվն իր բարձունքից։

Երկու ձիավորն էլ մեզ ծանոթ են։ Նա, որ բացատից հեռու է սլանում, Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոսն է, իսկ նա, որ դեպի բացատն է գնում, Լուիզա Պոյնդեքստերն է։

Մեզ արդեն հայտնի է, թե նրանցից առաջինն ինչու է հեռանում բացատից։ Մնում է բացատրել, թե երկրորդն ինչո՞ւ է գնում բացատ։

Զեբ Ստումպի հետ ունեցած զրույցից հետո դեռատի կրեոլուհին գնաց իր սենյակը և ծունկ չոքելով Աստվածածնի արձանի առաջ սկսեց աղոթել։ Բոլոր կրեոլուհիների պես նա էլ կաթոլիկ էր և հաստատ հավատում էր սրբերի օգնությանը։ Զարմանալի և տխուր էր նրա աղոթքը․ նա սուրբ կույսին աղոթում էր մի մարդու համար, որին համարում էին իր եղբորը սպանողը։

Լուիզան ոչ մի րոպե չէր կասկածում, որ Մորիս Ջերալդը մեղք չունի այդ զարհուրելի ոճիրի մեջ։ Դա անհավատալի բան էր։ Եթե նրա մեջ գեթ մի փոքրիկ կասկած ծագեր, նրա սիրտը չէր դիմանա այդ փորձությանը։

Նա Աստվածածնին չէր խնդրում ներել Ջերալդին։ Նա երկնքից խնդրում էր պաշտպանել նրան թշնամիներից, որոնք իր բարեկամներն էին։

Հեծկլտանքը խլացնում էր նրա աղոթքի խոսքերը։ Լուիզան իր եղբորը սիրում էր քույրական ամենայն քնքշությամբ։ Վիշտը խորապես ցնցել էր նրան, բայց այդ վիշտը չէր կարող խլացնել մի ուրիշ զգացմունք, որն ավելի ուժեղ էր, քան արյունակցական կապերը։ Սգալով եղբոր կորուստը՝ աղջիկն աղոթում էր սիրած տղայի փրկության համար։

Չոքած տեղից վեր կենալիս նրա աչքը պատահաբար ընկավ իր աղեղին, որն այնպես լավ ծառայել էր նրան սիրային նամակագրության գործում։

«Օ՜, եթե ես կարողանայի մի նետ ուղարկել և Մորիսին զգուշացնել վտանգի մասին»․․․

Եվ իսկույն էլ նրա գլխում մի ուրիշ միտք էլ ծագեց․ արդյոք իրենց գաղտնի նամակագրությունների հետքերը մնացած չե՞ն լինի այնտեղ, որտեղ նետեր էին փոխանակում։ Լուիզան հիշեց, որ վերջին անգամ Մորիսը գետն անցավ ոչ թե մակույկով, այլ լող տալով։ Նրա լասսոն երևի մնացել է մակույկի մեջ։

Նախորդ օրը վիշտն այնպես էր ցնցել նրան, որ դրա մասին չէր մտածել։

Լասսոն կարող էր մատնել նրանց գիշերային տեսակցությունների գաղտնիքը, որ, ինչպես նա կարծում էր, գիտեին միայն իրենք և մեկ էլ նա, ում շրթունքները հավիտենապես փակվել էին։ Արևն արդեն բավական բարձրացել էր և ապակյա դռան միջով պայծառ լույս էր գցում։ Լուիզան բացեց այդ դուռը, որպեսզի իջնի այգի և մոտենա մակույկին։ Բայց պատշգամբ դուրս գալով նա կանգ առավ, որովհետև կտուրից ձայներ լսեց։ Իրար հետ խոսում էին երկու հոգի, իր սպասուհի Ֆլորինդան ու սևամորթ կառապան Պլուտոնը, որոնք, տիրոջ բացակայությունից օգտվելով, որոշել էին բարձրանալ ազոտեա՝ թարմ օդ ծծելու։

Ցածում նրանց ամեն մի խոսքը կարելի էր պարզ լսել, բայց Լուիզային նրանց խոսակցությունը քիչ էր հետաքրքրում։ Միայն երբ ականջին հասավ իր համար թանկագին անունը, նա սկսեց ականջ դնել։

― Նրանք երիտասարդ Ջերալդի անունն են տալիս։ Մորիս Ջերալդ նրա անունն է։ Ասում են, որ նա իռլանդացի է, բայց եթե դա ճշմարիտ է, ապա ամենևին նման չէ այն իռլանդացիներին, որոնց ես տեսել եմ Նոր Օռլեանում։ Նա ավելի շատ նման է ջենտլմեն ագարակատիրոջ։ Ա՛յ թե ում է նման նա։

― Դու չե՞ս կարծում, Պլուտոն, որ նա է սպանել մեր մասսա Հենրիին։

― Բա՜ն հնարեցիր։ Նա սպանի մասսա Հենրիի՞ն։ Գուցե և կասես, թե ես եմ սպանել մասսա Հենրիին․․․ նույնպիսի մի սուտ է ու․․․ Բայց այն ի՞նչ է այնտեղ Ֆլորինդա։ Նայիր այն կողմը, տեսնո՞ւմ ես, Ֆլորինդա։

― Որտե՞ղ։

― Այ, այնտեղ, գետի մյուս ափին։ Տեսնո՞ւմ ես, ձիավոր տղամարդ։ Դա հո Մորիս Ջերալդն է, հենց այն մարդը որին մենք հանդիպեցինք սև պրերիայում․․․ նա ինքը, որ խատուտիկ ձին ընծայեց միսս Լուին։ Հենց նա, որին հիմա բոլորը որոնում են այնտեղ, որտեղ նա չկա։ Նրանք այսօր չեն գտնի նրան պրերիայում։

― Իսկ դու դրա համար ուրախ չե՞ս, Պլուտոն։ Ես հավատացած եմ, որ նա մեղավոր չէ։ Նա այնքա՜ն գեղեցիկ է ու քաջ։ Նա երբեք չէր կարող․․․

Լուիզան դադարեց ականջ դնել։ Նա վերադարձավ տուն և բարձրացավ ազոտեա։ Երբ սանդուղքով վեր էր բարձրանում, սիրտն այնպես ուժեղ էր բաբախում, որ նրա հարվածներն ասես խլացնում էին քայլերի ձայնը։ Նրան մեծ դժվարությամբ հաջողվեց իր հուզմունքը թաքցնել ծառաներից։

― Ինչո՞ւ եք այդպես բարձր խոսում։ Ի՞նչ եք տեսել այնտեղ,― հարցրեց Լուիզան իր զգացմունքը թաքցնելով շինծու խստության տակ։

― Օ՜, միսս Լուիզա, նայեցեք այնտեղ, երիտասարդ ջենտլմենը․․․

― Ի՞նչ երիտասարդ ջենտլմեն։

― Հենց նա, որին որոնում են, հենց նա․․․

― Ես ոչինչ չեմ տեսնում։

― Հո՛-հո՛։ Նա հենց նոր ծառերի ետևն անցավ։ Նայեցեք այնտեղ, այնտեղ․․․ Տեսնո՞ւմ եք սև, փայլուն գլխարկը, թավշյա բաճկոնը և արծաթե շողշողուն կոճակները։ Այդ նա է, այն նույն երիտասարդ ջենտլմենը։

― Դու երևի սխալվում ես, Պլուտոն։ Այստեղ շատերն են այդպես հագնվում։ Նա այնքան հեռու է, որ դժվար է մարդուն ճանաչել, մանավանդ հիմա, երբ նա համարյա չի երևում։ Դե լավ, ինչ որ է․․․ Ֆլորինդա, ցած վազիր, պատրաստիր իմ գլխարկն ու ամազոնկան։ Ես ուզում եմ մի քիչ ձիով զբոսնել։ Իսկ դու, Պլուտոն, թամբիր իմ ձին, միայն թե արագ։ Վա-խենում եմ, որ արևը շատ կբարձրանա։ Դե շո՛ւտ, շո՛ւտ։

Հենց որ ծառաներն իջան սանդուղքով, Լուիզան մի անգամ ևս մոտե-ցավ ազոտեայի ճաղերին։ Բուռն հուզմունքից նա դժվարությամբ էր շնչում։ Հիմա նրան ոչ ոք չի խանգարի լավ նայել, տեսնել ով է այնտեղ, բլրի գլխին, մացառուտի մեջ։

Բայց արդեն ուշ էր․ ձիավորն անհետացել էր։

«Նմանությունը մեծ էր, բայց միևնույն ժամանակ կարծես նա չէր։ Եթե դա Մորիս Ջերալդը լիներ, ինչո՞ւ պետք է այդ կողմը գնար»։

Եվ նրա սիրտը կծկվեց։ Նա հիշեց, որ մի անգամ արդեն ինքն իրեն տվել է այդ հարցը։

Նա այլևս ազոտեայում չմնաց։ Մի տասը րոպեից հետո Լուիզան արդեն գետի մյուս ափին էր և մտավ այն թփուտը, որտեղ անհետացել էր ձիավորը։

Արագորեն առաջ գնալով՝ նա ուշադիր այս ու այն կողմ էր նայում։ Բլրի գագաթը բարձրանալով՝ Լուիզան հանկարծ ձին կանգնեցրեց։ Ականջին ինչ-որ ձայներ էին հասել․․․

Նա ականջ դրեց։ Թեև ձայները հազիվ էին լսվում, բայց արդեն կարելի էր տարբերել, որ դրանք երկու ձայն էին՝ կնոջ և տղամարդու։

Բայց ի՞նչ տղամարդ էր դա և ի՞նչ կին։ Նրա սիրտը նորից սեղմվեց։

Աղջիկն ավելի մոտեցավ։ Դարձյալ կանգ առավ․․․ նորից ականջ դրեց․․․

Խոսում էին իսպաներեն։ Այդ նրան չհանգստացրեց։ Իսիդորա Քո-վարուբիո դը Լոս Լյանոսի հետ Մորիս Ջերալդը իսպաներեն կխոսեր։ Կրեոլուհին այդ լեզուն այնքան գիտեր, որ կարող էր խոսակցության միտքը հասկանալ։ Բայց նա շատ էր հեռու և խոսքերը հասկանալ չէր կարող։ Խոսում էին բորբոքված, կարծես երկուսն էլ խիստ վրդովված էին։ Դա, իհարկե, հաճելի էր Լուիզային։

Նա ավելի մոտեցավ, նորից սանձը քաշեց․․․ կրկին ականջ դրեց։ Տղամարդու ձայնն այլևս չէր լսվում։ Կնոջ ձայնը միանգամայն պարզ էր հնչում։ Թվում էր, թե նա սպառնում է։

Հետո լռություն տիրեց, որն ընդհատվեց սմբակների կարճ դոփյունով, ապա՝ նորից լռություն։ Հետո հնչեց կնոջ ձայնը՝ սկզբում բարձր, ասես սպառնագին, հետո արդեն խուլ, ասես նա ինքն իր հետ էր խոսում, և նորից լռություն, որն էլի ընդհատվեց սմբակների դոփյունով, ասես ձին հեռանում էր քառատրոփ արշավով։

Ահա և ամբողջը և մեկ էլ բացատի գլխին ճախրող արծվի ճիչը, որին վախեցրել էին զայրագին ձայները։

Ձայները գալիս էին Լուիզային լավ ծանոթ բացատից։ Այդ տեղի հետ նա քաղցր հիշողություններ ուներ կապված։ Աղջիկը նորից կանգ առավ համարյա հենց ուղիղ բացատի եզրին։ Նա վախենում էր առաջ գնալ, վախենում էր իմանալ դառն ճշմարտությունը․․․

Վերջապես դադարեց տատանվել և մտավ բացատ։

Այնտեղ ետ ու առաջ էր վազում մի թամբած ձի։ Գետնին ընկած էր ինչ-որ մարդ ձեռքերը կապկպած լասսոյով։ Կողքին ընկած էին մի սոմբ-րերո և մի սերապե, բայց դրանք, ըստ երևույթին, այդ մարդուն չէին պատկանում։ Ի՞նչ կարող էր պատահած լինել այստեղ։

Տղամարդը մեքսիկացու գունագեղ հագուստի մեջ էր։ Ձիու վրա շքեղ թամբածածկ կար, որ նույնպես մեքսիկական գործ էր։

Լուիզայի սիրտը լցվեց ուրախությամբ։ Մեռած է այս մարդը թե ոչ, համենայնդեպս անպայման նա է, որին ինքը տեսել է ազոտեայից։ Եվ դա Մորիս Ջերալդը չէ։

Մինչև վերջին րոպեն էլ Լուիզան ամբողջ սրտով այն միտքն էր փայփայում, որ դա նա չէ, և նրա հույսն իրականացավ։

Նա ավելի ևս մոտեցավ և սկսեց դիտել գետնին փռված մարդուն։ Նայեց նրա դեմքին, որ դեպի վեր էր դարձրած, որովհետև մարդը պառկած էր մեջքի վրա։ Նրան թվաց, թե ինքը ինչ-որ մի տեղ տեսել է այդ մարդուն, թեև շատ էլ համոզված չէր դրանում։

Պարզ էր, որ դա մեքսիկացի է։ Ոչ միայն հագուստը, այլև դիմագծերը իսպանաամերիկյան տիպի էին։

Մարդու արտաքինը բավական գեղեցիկ թվաց։

Բայց դա չէր, որ Լուիզային ստիպեց ցած ցատկել ձիուց և կարեկցությամբ կռանալ պառկած մարդու վրա։ Նա շտապեց օգնել այդ մարդուն, ուրախանալով, որ դա նա չէ, ում վախենում էր տեսնել այստեղ։

― Կարծես թե կենդանի է,― շշնջաց Լուիզան։― Այո, շնչում է։

Լասսոյի օղակը, սեղմում էր մարդուն։ Լուիզան մի ակնթարթում թուլացրեց․ այն, օղակը հեշտությամբ քանդվեց։

«Հիմա սա կարող է ազատ շնչել։ Բայց ի՞նչ է կատարվել այստեղ։ Երբ սա նստած է եղել իր ձիուն, վրան լասսո են նետել և ցա՞ծ գցել։ Սա է ամե-նահավանականը։ Բայց ո՞վ է արել այս։ Ես այստեղ կանացի ձայն լսեցի․ չէի կարող սխալվել․․․ Բայց ահա այստեղ ընկած են տղամարդու գլխարկ ու սերապե, որոնք այս մարդուն չեն պատկանում։ Գուցե այստեղ մի ուրիշ տղամարդ է՞լ է եղել, որը գնացել է կնոջ հետ։ Բայց այստեղից միայն մեկ ձի է գնացել․․․ Ա՜, սա ուշքի է գալիս։ Փառք Աստծու։ Հիմա ես ամեն ինչ կիմանամ»։

― Դուք ձեզ լա՞վ եք զգում, սըր։

― Սինյորիտա, ո՞վ եք դուք,― հարցրեց դոն Միգուել Դիազը գլուխը բարձրացնելով և անհանգիստ շուրջը նայելով։― Որտե՞ղ է նա։

― Ո՞ւմ մասին եք հարցնում դուք։ Ես այստեղ ոչ ոքի չեմ տեսել, բացի ձեզանից։

― Կարամբա՛։ Շատ տարօրինակ է։ Մի՞թե դուք չեք հանդիպել մոխրագույն ձի նստած մի կնոջ։

― Երբ գալիս էի այս կողմը, ես լսեցի կնոջ ձայն։

― Ավելի ճիշտ կլիներ ասել դևի ձայն, որովհետև Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոսն իսկական դև է։

― Մի՞թե նա է արել այս։

― Նզովյա՛լ լինի նա։ Այո՛։ Որտե՞ղ է հիմա։ Ասացեք ինձ, սինյորիտա։

― Ես չգիտեմ։ Ձիու դոփյունի ձայնից պիտի եզրակացնել, որ նա բլրի լանջով ցած է գնացել։ Երևի այդպես էլ եղել է, որովհետև ես մյուս կողմից եմ եկել։

― Ա՜, բլրի լանջով ցած, նշանակում է նա տուն է գնացել․․․ Դուք շատ բարի եք, սինյորիտա, որ ինձ ազատել եք այս օղակից, չեմ կասկածում, որ դուք եք արել այդ։ Գուցե չե՞ք մերժի օգնել ինձ նստելու ձիու վրա։ Հուսով եմ, որ կդիմանամ թամբի վրա։ Համենայնդեպս, այստեղ ինձ երկար մնալ չի կարելի։ Իմ թշնամիները հեռու չեն այստեղից․․․ Հապա մի մոտ արի, Կառլիտո,― ասաց նա ձիուն և մի հատուկ ձևով սուլեց։― Մոտ արի, մի՛ վախեցիր այս բարեսիրտ կնոջից։ Սա չէ այս չար խաղը խաղացել մեր գլխին։ Դե՛, մոտ արի, իմ ձի, մի վախեցիր։

Ձին, սուլոցը լսելով, մոտեցավ տիրոջը, որն արդեն ոտքի էր կանգնել, և թույլ տվեց, որ նա իր սանձը բռնի։

― Եթե դուք օգնեիք, բարի սինյորիտա, ես կարծում եմ՝ կնստեմ թամբին։ Եվ հենց որ ձիու վրա լինեմ, այլևս հետապնդումից վախենալու բան չեմ ունենա։

― Դուք կարծում եք, որ ձեզ հետապնդելո՞ւ են։

― Ո՛վ գիտե։ Ինչպես արդեն ասացի, ես թշնամիներ ունեմ։ Ասենք, դա կարևոր չէ։ Ես դեռ ինձ շատ թույլ եմ զգում։ Դուք չե՞ք մերժի օգնել ինձ։

― Ես սիրով կօգնեմ ձեզ, որքան ուժս պատի։

― Շատ շնորհակալ եմ, սինյորիտա։ Շատ երախտապարտ եմ ձեզ։

Դեռատի կրեոլուհուն մեծ դժվարությամբ հաջողվեց մեքսիկացուն թամբի վրա նստեցնել։ Նա մի քիչ երերաց, բայց դիմացավ։

― Մնաք բարով, սինյորիտա,― ասաց Էլ Կոյոտը։― Ես չգիտեմ ով եք դուք։ Տեսնում եմ միայն, որ մեքսիկուհի չեք։ Ամերիկուհի եք, կարծում եմ։ Բայց դա միևնույն է։ Դուք նույնքան բարի եք, որքան և չքնաղ։ Եվ եթե երբևիցե առիթ լինի, Միգուել Դիազը կհատուցի ձեզ այս ծառայության համար։

Այս ասելով՝ Էլ Կոյոտն իր ձին շարժեց։ Նա գնում էր դանդաղ, որովհետև դժվարությամբ էր պահում հավասարակշռությունը։ Շուտով նա ծառերի ետևն անցավ։

Նա գնաց ոչ թե երեք ճանապարհներից մեկով, այլ հազիվ նկատելի մի նեղ շավղով։

Դեռատի կրեոլուհուն այս ամենը երազ էր թվում և ավելի շուտ տա-րօրինակ, քան անհաճո երազ։

Բայց նրա այս տրամադրությունը շուտով փոխվեց, երբ գետնից վերցրեց ու կարդաց մի նամակ, որ մոռացել, թողել էր Դիազը։ Նամակը հասցեագրված էր դոն Մորիս Ջերալդին։ Ստորագրությունն էր՝ «Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս»։

Լուիզան թամբի վրա բարձրացավ համարյա նույնպիսի դժվարությամբ, ինչպես հենց նոր գնացած մեքսիկացին։

Կասա դել Կորվո վերադառնալիս Լեոնան անցնելու ժամանակ նա ձին կանգնեցրեց գետի մեջտեղը և մի տեսակ քար կտրած երկար ժա-մանակ նայում էր իր ոտքերի տակ փրփրացող հոսանքին։ Նրա դեմքին խոր հուսահատություն էր երևում։ Բավական էր, որ հուսահատությունը մի փոքր ավելի խոր լիներ, և Լեոնայի ալիքները հավիտենապես կուլ կտային նրան։

Գլուխ L․ Կռիվ շնագայլերի հետ

Տեխասյան մթնշաղի մանուշակագույն ստվերներն արդեն իջնում էին գետնի վրա, երբ փշոտ մացառուտի միջով տանջալից ճանապարհ անցնող վիրավոր մարդուն, վերջապես, հաջողվեց հասնել առվակին։

Նա ծարավը հագեցրեց և փռվեց կանաչ խոտի վրա՝ մոռանալով իր տագնապը։

Ոտքը ցավում էր, բայց ո՛չ այնքան ուժեղ։ Ապագայի մասին վիրավորն այժմ չէր մտածում․ շատ էր հոգնած։

Նա միայն մի բան էր ուզում՝ հանգստանալ։ Եվ ակացիաների փետրավոր տերևների մեջ խաղացող զեփյուռն ասես օրոր էր ասում նրան։

Անգղերը թռել-գնացել էին մացառուտը՝ գիշերելու։ Եվ գեթ առժամանակ նրանց չարագույժ ներկայությունից ազատվելով՝ մարդը շուտով քուն մտավ։

Բայց նա երկար չքնեց։ Վերքերը նորից զգալ տվին իրենց, և նա արթնացավ։ Եվ ոչ թե շնագայլերի հաչոցը, այլ հենց ցավն էր, որ նրան չթողեց քնել մինչև առավոտ։

Նա երկյուղ չուներ պրերիայի գայլերից, որոնք վխտում էին շուրջը․ շնագայլերի պես նրանք էլ հարձակվում են միայն մեռելի կամ մեռնող մարդու վրա, իսկ նա գիտեր, որ իր վերքը մահացու չէ։

Գիշերը տանջալից երկարում էր․ տառապյալին թվում էր, թե երբեք օրը չի բացվելու։

Վերջապես լույսը բացվեց, բայց այն էլ մի մխիթարություն չբերեց, լույսի հետ միասին երևացին սև թռչունները, իսկ շնագայլերը չհեռացան։

Բացվող օրվա պայծառ լույսի մեջ նրա գլխավերևում նորից անգղերն էին ճախրում, իսկ շուրջը ամենուրեք շնագայլերի գարշելի ոռնոցն էր լսվում։

Նա սողեսող մոտեցավ առվակին և նորից ջուր խմեց։

Այժմ նա քաղց զգաց և շուրջը նայեց, որ տեսնի՝ ուտելու բան չի՞ գտնվի։

Ոչ, հեռու մի կաղնի էր կանգնած։ Նրա ճյուղերին, գետնից մի վեց ոտնաչափ բարձրությամբ կաղիններ էին երևում։

Վիրավորին հաջողվեց սողալ մինչև ծառը, թեև դա տանջալից ցավ էր պատճառում նրան։

Իր ինքնաշեն հենակով նա մի քանի կաղին ցած գցեց և դրանով մի քիչ քաղցը հագեցրեց։

Իսկ հիմա ի՞նչ աներ։

Այստեղից հեռանալն անհնարին էր։ Ամենափոքր շարժումն անտանելի ցավ էր պատճառում, հիշեցնելով, որ ինքը բոլորովին անընդունակ է առաջ գնալու։

Մինչև այժմ էլ նա չգիտեր, թե ինչ է պատահել իր ոտքին, որն այնպես էր ուռել, որ նույնիսկ շոշափել չէր կարող։ Նրան թվում էր, որ ոսկորը կամ ջարդվել է, կամ դուրս ընկել։ Երկու դեպքում էլ շատ ժամանակ է հարկավոր, մինչև որ կարողանա իր ոտքին տիրել։ Իսկ ինչ պիտի անի մինչև այդ։

Խեղճը համարյա ոչ մի օգնության հույս չուներ։ Չէ՞ որ գոռացել էր խռպոտելու չափ, բայց ոչ ոք չէր լսել։ Եվ, չնայած դրան, երբեմն-երբեմն նորից լսվում էր նրա թույլ կանչը․ դա հուսահատության դեմ պայքարող հույսի թույլ նշույլ էր։

Նա ստիպված էր տեղում մնալ։ Այս եզրակացությանը գալով՝ երիտասարդը մեկնվեց խոտի վրա, որոշելով համբերել, որքան կարող է։

Հարկավոր էր, որ նա լարի իր կամքի ամբողջ ուժը, որպեսզի դիմանա այդ տանջանքներին, բայց և այնպես երբեմն-երբեմն նրա շուրթերից հառաչանքներ էին դուրս թռչում։

Ցավն այնքան էր տանջել, որ նա այլևս չէր նկատում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Սև թռչուններն առաջվա պես պտույտ էին գալիս նրա վերևը, բայց նա արդեն վարժվել էր դրան և ուշադրություն չէր դարձնում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց թևերի խշշոցը լսվում էր հենց ուղիղ իր գլխավերևում։

Բայց ի՞նչ բան է սա․ ինչ-որ նոր ձայնե՞ր են լսվում։

Առվակի ավազոտ ափին մանրիկ ոտքերի թփթփոց լսվեց, որին միանում էր անհավասար շնչառության ձայնը։

Վիրավորը ետ նայեց, որ տեսնի՝ ինչ է դա։

«Ա՛, շնագայլեր են»,― մտածեց նա, տեսնելով մի երկու տասնյակ այդ կենդանիներից, որոնք ետ ու առաջ էին վազվզում ափով։

Մինչև այժմ երկյուղ չէր զգացել այդ վախկոտ կենդանիներից, արհամարհել էր նրանց։ Բայց, նկատելով նրանց կատաղի հայացքները և սպառնալից շարժումները, անհանգստացավ։ Կասկածել չէր կարելի․ նրանք հարձակման էին պատրաստվում։ Նա հիշեց, ինչպես իրեն պատմում էին, որ սովորաբար վախկոտ ու անվնաս այդ կենդանիները մարդու վրա են հարձակվում, երբ նա թույլ է և պաշտպանվել չի կարող, մանավանդ, եթե նրանց գրգռում է արյան հոտը։

Իսկ նրան ամբողջովին բզկտել էին կակտուսների փշերը։ Նրա հագուստն արյունոտված էր։ Խեղդուկ օդի մեջ տարածվել էր ծանր հոտը, և շնագայլերը չէին կարող չզգալ այն։ Ըստ երևույթին այդ հոտը գիշատիչնե-րին գրգռելով կատաղության էր հասցրել նրանց։

Այսպես թե այնպես երիտասարդը չէր կասկածում, որ նրանք պատրաստվում են իր վրա հարձակվելու։

Վիրավորը ոչ մի զենք չուներ, բացի որսորդական դանակից, որը բարեբախտաբար չէր կորցրել։ Նրա զենքն ու ատրճանակը կապված էին թամբին, և ձին իր հետ տարել էր դրանք։

Վիրավորը դանակը դուրս քաշեց և, աջ ծունկի վրա հենվելով, պատրաստվեց պաշտպանվել։

Մի րոպե հապաղում՝ և արդեն ուշ պիտի լիներ։ Սիրտ առնելով արյան հոտից, որը որքան մոտենում էին, այնքան ավելի էր ուժեղանում, և իրենց բնածին կատաղության մղումով շնագայլերը հարձակվեցին վիրավոր մարդու վրա։

Չորս շնագայլ միաժամանակ ժանիքները խրեցին նրա ձեռքերի, ոտքերի ու մարմնի մեջ։ Իր ուժերը լարելով՝ վիրավորը դանակի մի քանի հարված տալով ետ շպրտեց նրանց։ Մեկը թե երկուսը վիրավորվելով ետ փախան վայրի ոռնոցով։ Բայց ահա ուրիշները հարձակվեցին մարդու վրա։

Պայքարը դարձավ հուսահատական ու մահացու։ Գիշատիչներից մի քանիսը սպանվեցին, բայց մյուսները շարունակում էին հարձակումը ավելի մեծ կատաղությամբ։

Սկսվեց մի զարհուրելի գոտեմարտ։ Շնագայլերն իրար վրա բարձրանալով ջանում էին իրենց ժանիքները խրել զոհի մարմնի մեջ։ Վիրավորի դանակը շարունակ բարձրանում ու իջնում էր, բայց նրա ձեռքերը թուլանում էին, և հարվածներն ավելի հազվադեպ էին նպատակին հասնում։

Մարդը կորցնում էր իր վերջին ուժերը։ Մահը նայում էր նրա աչքերին․․․

Եվ այդ հուսակտուր րոպեին վիրավորը մի ճիչ արձակեց։ Որքան էլ զարմանալի է, դա հուսահատական ճիչ չէր, դա ուրախության ճիչ էր։ Եվ ավելի զարմանալի է, որ, շնագայլերն այդ ճիչը լսելով, ետ քաշվեցին։

Գոտեմարտը դադարեց։ Մի կարճ ժամանակ լռություն տիրեց։ Բայց մարդու ճիչը չէր այդ փոփոխության պատճառը, այլ այն, ինչ առաջացրեց այդ ճիչը։

Լսվեց ձիու սմբակների դոփյուն, որին միանում էր շան բարձր հաչոցը։

Վիրավորը շարունակում էր գոռալ և օգնության կանչել։ Թվում․ էր, որ ձին բոլորովին մոտիկ է։ Ձիավորը չէր կարող չլսել նրա ձայնը։

Բայց պատասխան չեղավ։ Ձիավորը անցավ գնաց։

Սմբակների դոփյունը գնալով թուլանում էր․․․ Նորից հուսահատությունը համակեց երիտասարդին։

Իսկ գիշատիչները սիրտ առնելով նորից հարձակման անցան։

Նորից կատաղի պայքար բորբոքվեց։ Թշվառը կորցնում էր իր վերջին հույսը և շարունակում էր պաշտպանվել միայն հուսահատության մղումով։

Եվ հանկարծ շնագայլերը թողին իրենց զոհին․ հրապարակ եկավ մի նոր գործող անձ, և վիրավորը մի քիչ սիրտ առավ։

Ձիավորը խուլ մնաց նրա կանչերին, բայց շունը օգնության եկավ։ Դա մի վիթխարի շուն էր, որ բարձր հաչոցով դուրս թռավ թփերի միջից։

― Բարեկա՜մս, օ՜, ի՜նչ բախտ։ Բարեկա՜մս։

Թավուտից դուրս ցատկելով՝ շունը դադարեց հաչել և երախը լայն բացած նետվեց շնագայլերի վրա։

Ահա նրանցից մեկն արդեն շան ժանիքների մեջ է։ Նա շնագայլին թափահարում է մկան պես, և մի րոպե անց շպրտում է գետնին՝ ողնաշարը կոտրված։

Երկրորդին նույն բախտն է վիճակվում։ Երրորդ զոհ արդեն չեղավ, որովհետև սարսափահար շնագայլերը պոչերն իրենց քաշած վնգստոցով փախան, թփերի մեջ կորան։

Երիտասարդն այլևս ոչինչ չտեսավ․ ուժերը լքեցին նրան։ Նա միայն ձեռքը մեկնեց, ժպիտը դեմքին գրկեց իր փրկչին և սիրալիր ինչ-որ բան շշնջալով ուշաթափ եղավ։

*  *  *



Բայց շուտով նա նորից ուշքի եկավ։ Արմունկի վրա հենվելով՝ շուրջը նայեց և տեսավ զարհուրելի արյունոտ պատկերը։ Բայց եթե ուշաթափված չլիներ, ապա վկա կլիներ մի ավելի զարհուրելի տեսարանի։

Նրա ուշաթափության ժամանակ բացատով անցավ մի ձիավոր։ Այդ նրա ձիու սմբակների դոփյունն էր, որ վախեցրել էր շնագայլերին, և այդ նա էր, որ խուլ էր մնացել օգնության կանչերին։ Ձիավորը շատ ուշ էր մոտ եկել և այն էլ ո՛չ օգնության հասնելու համար։ Նա պարզապես ցանկացել էր իր ձիուն ջրել։

Ձին մտավ առվակի մեջ, կուշտ խմեց, դուրս եկավ դիմացի ափը և բացատի միջով վազելով գնաց կորավ թփուտներում։

Ձիավորը ոչ մի ուշադրություն չդարձրեց գետնին փռված մարդու վրա, միայն ձին նրան տեսնելով փնչացրեց և վախեցած խեթ-խեթ նայեց շնագայլերի լեշերին։

Ձին շատ էլ խոշոր չէր, բայց գեղեցիկ կազմվածք ուներ։

Ձիավորի մասին չէր կարելի նույնն ասել․ նա գլուխ չուներ․․․

Ասենք՝ գլուխը կար, բայց իր տեղում չէր։ Այն գտնվում էր թամբի առջևի աղեղի մոտ, և թվում էր, թե ձիավորը իր ձեռքում բռնել է իր գլուխը։

Զարհուրելի՜ տեսարան։

Երբ անգլուխ ձիավորն անցնում էր բացատի միջով, շունը հաչոցով ուղեկցեց նրան մինչև մացառուտի եզրը։ Նա վաղուց էր վազում ձիավորին կրնկակոխ, թափառելով այնտեղ, ուր ձին էր գնում։

Բայց հիմա նա հրաժարվեց այդ անօգուտ բարեկամությունից։ Վերադարձավ վիրավորի մոտ և պառկեց նրա կողքին։

Եվ հենց այդ րոպեին էր, որ վիրավորն ուշքի եկավ ու հիշեց ամեն բան, ինչ եղել էր դրանից առաջ։

Շանը շոյելուց հետո արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու համար նա թիկնոցը գլխին քաշեց և քուն մտավ։

Շունը վիրավորի ոտքերի մոտ պառկած նույնպես նիրհում էր։ Բայց նա հաճախ էր արթնանում և գլուխը բարձրացնելով զայրագին գռմռում, երբ անգղերը շատ ցած էին իջնում ու մարդու գլխի մոտ խշխշացնում իրենց թևերը։

Վիրավոր երիտասարդը զառանցանքի մեջ էր։ Նրա շուրթերից դուրս էին թռչում ինչ-որ տարօրինակ խոսքեր՝ մերթ սիրո երդումներ, մերթ կցկ-տուր բառեր ինչ-որ սպանության մասին։

Գլուխ LI․ Կրկնակի հարբածը

Վերադառնանք նորից Ալամոյի ափի մենավոր խրճիթը, որտեղից այնպես հանկարծակի հեռացան խաղամոլները, որոնք տեղավորվել էին այդ խրճիթի հարկի տակ՝ նրա տիրոջ բացակայությամբ։

Մոտենում էր հաջորդ օրվա կեսօրը, բայց տերը դեռ չկար ու չկար։ Ֆելիմն առաջվա պես այդ խրճիթի միակ բնակիչն էր։ Առաջվա պես նա հարբած փռված էր հատակին։ Ճիշտ է, այն ժամանակից հետո, երբ մենք վերջին անգամ նրան տեսել էինք, նա արդեն մի անգամ ուշքի էր եկել, բայց հիմա էլի հարբած էր, որովհետև նորից էր դիմել գինու աստծուն։

Ամեն ինչ բացատրելու համար հարկավոր է պատմել, թե էլի ինչ եղավ այն գիշերը, երբ կարմրամորթ խաղամոլներն այնպես հանկարծակի փախան խրճիթից։

Սեղանի շուրջը տեղավորված և թղթախաղով տարված երեք կարմրամորթ վայրենիների տեսքը Ֆելիմին ավելի շուտ ուշքի բերեց, քան երազը։

Չնայած ակներև կոմիկական տեսարանին, Ֆելիմն այնտեղ ծիծաղելի ոչինչ չտեսավ և անկոչ հյուրերին ողջունեց մի կատաղի աղաղակով։

Բայց դրանից հետո կատարվածի մեջ արդեն ծիծաղելի ոչինչ չկար։ Ասենք, թե իսկապես ինչ կատարվեց, նա այնքան էլ պարզ չէր պատկերացնում։ Հիշում էր միայն, որ երեք գունազարդ հնդիկները հանկարծ խաղը դադարեցրին, խաղաթղթերը շպրտեցին հատակին և դուրս քաշեցին դանակները, սպառնալով նրա կյանքին։ Հետո հանկարծ նրանց միացավ չորրորդ հնդկացին, և ապա բոլորը միասին իրար հրմշտելով դուրս փախան խրճիթից։

Այս ամենը տեղի ունեցավ ընդամենը մի քսան վայրկյանի ընթացքում։ Եվ երբ Ֆելիմն ուշքի եկավ, խրճիթում այլևս ոչ ոք չկար։

Արդյոք քնա՞ծ էր ինքը, թե՞ արթուն։ Հարբած վիճակո՞ւմ տեսավ այս ամենը, թե՞ երազում։ Արդյոք իրականությո՞ւն էր սա, թե՞ իր խելքին անհասանելի ինչ-որ տեսիլք տեսավ, նման այն տեսիլքին, որ մինչև այժմ էլ դուրս չէր գալիս նրա մտքից։

Ո՛չ, սա տեսիլք լինել չէր կարող։ Նա վայրենիներին այնքան մոտիկից էր տեսել, որ չէր կարող կասկածել, թե դրանք իրական մարդիկ էին։ Նա լսեց, թե նրանք ինչպես էին իրար հետ խոսում ինչ-որ անհասկանալի լեզվով։ Դա երևի հնդկացիների մի որևէ բարբառ էր։ Բացի դրանից, հատակին ընկած էին խաղաթղթերը։

Ֆելիմի մտքովն էլ չանցավ նրանցից գեթ մեկը վերցնել, իմանալու համար, թե դրանք իսկակա՞ն խաղաթղթեր են։ Նրա ուշքը գլխին էր, բայց այնքան քաջություն չուներ, որ այդ աներ։ Նա կարո՞ղ էր վստահ լինել, որ այդ խաղաթղթերը իր մատները չեն վառի։ Ի՞նչ իմանաս, գուցե սատանայական բան են։

Չնայած այս խճճված մտքերին, այնուամենայնիվ, Ֆելիմը գլխի ընկավ, որ խրճիթում մնալը վտանգավոր է։ Պճնված խաղամոլները կարող են վերադառնալ իրենց խաղը շարունակելու։ Նրանք այստեղ թողել են ոչ միայն իրենց խաղաթղթերը, այլև մուստանգերի ունեցվածքը։ Ճիշտ է, ինչ-որ բան նրանց ստիպեց հանկարծակի հեռանալ, բայց չէ որ կարող են նույնպես հանկարծակի վերադառնալ։

Այս մտքով էլ իռլանդացին որոշեց գործել։ Զգուշության համար մոմը մարելով՝ նա կուզեկուզ դուրս եկավ խրճիթից։ Բայց դռնովը դուրս գալ սիրտ չարեց․ լուսինը պայծառ լուսավորում էր տան առջևի հրապարակը, իսկ վայրենիները կարող էին մոտերքում լինել։ Նա ետևի պատից մի ձիու մորթի պոկեց և դուրս պրծավ բացված ճեղքով։ Դուրս գալուն պես Ֆելիմը սողաց ծառերի ստվերի տակ։

Քիչ հեռանալուց հետո նա իր առջև ինչ-որ մթին առարկաներ տեսավ՝ նա լսեց, թե ինչպես մի քանի ձի կրծում են լկամը և սմբակներով դոփում։ Ֆելիմը կանգ առավ և թաքնվեց նոճու բնի ետևը։

Շուտով իռլանդացին համոզվեց, որ դրանք իրոք ձիեր են։ Նրան թվաց, որ չորսն են։ Տարակույս չկար, որ դրանք այն չորս ռազմիկներինն էին, որոնք մուստանգերի խրճիթը խաղատուն էին դարձրել։ Ըստ երևույթին ձիերը կապված էին ծառերից, բայց չէ՞ որ տերերն էլ կարող էին նրանց մոտ լինել․․․

Այսպես մտածելով Ֆելիմն արդեն ուզում էր շուռ գալ ու գնալ ուրիշ ուղղությամբ, բայց հենց այդ րոպեին նա հակառակ կողմից ինչ-որ ձայներ լսեց, դրանք մի քանի տղամարդու ձայներ էին, որոնք սպառնում էին ինչ-որ մեկին, հետո լսվեցին սարսափի բացականչություններ, ապա՝ շան հաչոց։ Հետո տիրեց լռություն, որ խախտվում էր միայն կոտրտվող ճյուղերի ճրթճրթոցով․ ասես մի քանի մարդ խուճապարար փախչում էին թփուտի միջով։

Ֆելիմը շարունակում էր ականջ դնել․ աղմուկն ուժեղանում էր, վազողները մոտենում էին նոճուն։

Նոճին շրջապատված էր մատղաշ ոստերով, որոնց մութ ստվերում էլ թաքնվեց Ֆելիմը։

Հազիվ էր նա հասցրել թաքնվել, երբ երևացին չորս ծանոթ մարդ և առանց կանգ առնելու նետվեցին ձիերի մոտ։

Ֆելիմի մոտով վազելիս նրանք մի քանի խոսք փոխանակեցին, որոնք իռլանդացին չհասկացավ, բայց զգաց, որ նրանց ձայնի մեջ սոսկում է հնչում։ Այդ մարդկանց տենդագին շտապողականությունն էլ հաստատում էր նրա ենթադրությունը։ Երևում էր՝ նրանք փախչում էին ինչ-որ թշնամուց, որը նրանց վախեցրել էր մահու չափ։

Նոճու կողքին մի փոքրիկ բացատ կար, որ լուսավորված էր լուսնի լույսով։ Չորս փախստականներն իրենց ձիերին հասնելու համար պետք է անցնեին այդ բացատով։ Եվ երբ նրանք ընկան լուսավոր շերտը, Ֆելիմը պարզ տեսավ նրանց մերկացված կարմիր մեջքերը։

Նա ճանաչեց այդ մարդկանց․ դրանք այն հնդկացիներն էին, որոնք անպատկառորեն տեղավորվել էին մուստանգերի խրճիթում։

Ֆելիմն իր թաքստոցում այնքան մնաց, մինչև ձիերի դոփյունից հասկացավ, որ ձիավորները դիք զառիթափով բարձրացան հարթությունը և արագ քառատրոփով հեռու սլացան՝ այլևս մտադիր չլինելով վերադառնալ։

Այն ժամանակ նա դուրս եկավ իր թաքստոցից և, ձեռքերն իրար զար-կելով, գոչեց․

― Սո՜ւրբ Պատրիկ, այս ի՞նչ է նշանակում։ Ի՞նչ էին ուզում այդ սատանաներն այստեղ։ Եվ ո՞վ է նրանց ետևից ընկել։ Պարզ է, որ ինչ-որ մեկը խիստ վախեցրել է նրանց։ Արդյոք էլի նա չէ՞։ Երդվում եմ, որ հենց նա է։ Ես շան գռմռոց լսեցի, իսկ շունը չէ՞ որ նրա ետևից գնաց։ Օ՜, տե՜ր իմ Աստված, այս ի՞նչ բան է։ Իսկ եթե հանկարծ նա սրանց ետևից ընկած այս կողմը գա՞։

Խորհրդավոր ձիավորին հանդիպելուց վախենալով՝ Ֆելիմը նորից թաքնվեց ծառի տակ։ Սրտատրոփ սպասումով էլի մի պահ կանգնեց այնտեղ։

― Վերջ ի վերջո դա երևի մաստր Մորիսի սարքած կատակն է։ Նա տուն վերադառնալիս է եղել և ցանկացել է ինձ վախեցնել։ Լավ է, որ հենց ժամանակին տեղ է հասել և կարմրամորթներին փախցրել, ախր նրանք ուզում էին մեզ կողոպտել ու սպանել։ Աստված տա, որ հենց նա լինի։ Միայն թե ես նրան վաղուց եմ տեսել․․․ Որքա՞ն ժամանակ է անցել։ Հիշում եմ, որ կարգին խմել էի, իսկ հիմա կարծես թե ոչինչ էլ չի եղել․․․ Բայց իմ շիշը հնդկացիները չե՞ն գտել։ Ես լսել եմ, որ նրանք այդ խմիչքը մեզնից պա-կաս չեն սիրում։ Ախր եթե նրանք շիշը գտել են, երևի այնտեղ մի կաթիլ էլ չի մնացել։ Հարկավոր է վերադառնալ տուն և ստուգել։ Հիմա նրանցից վախենալու բան չկա․ այնպես փախան, որ հիմա երևի հետքերն էլ չի մնացել։

Նորից իր թաքստոցից դուրս գալով՝ Ֆելիմն ուղղվեց դեպի խրճիթը։ Նա առաջ էր գնում վախվխելով և մի քանի անգամ կանգ առավ, որպեսզի ստուգի, մոտերքում ոչ ոք չկա՞ արդյոք։

Չնայած պատահածի ճշմարտանման բացատրություններով հանգստացնում էր իրեն, բայց էլի վախենում էր, թե նորից կհանդիպի անգլուխ ձիավորին, որը երկու անգամ արդեն երևացել էր խրճիթի մոտ և հիմա կարող էր արդեն ներսում լինել։

Եթե շշի մեջ գեթ մի «կաթիլ» գտնելու հույսը չլիներ, նա երևի մինչև առավոտ էլ սիրտ չէր անի տուն վերադառնալ։ Բայց խմելու ցանկությունը վախից ուժեղ էր, և Ֆելիմը, թեպետև վախենալով, մտավ մթին խրճիթը։

Նա լույսը չվառեց, դրա կարիքը չկար, նա բավական լավ գիտեր խրճիթը և մանավանդ այն տեղը, որտեղ սովորաբար դրված էր լինում շիշը։

Բայց նվիրական անկյունում շիշը չկար։

― Գրողը տանի նրանց,― սրտնեղած գոչեց Ֆելիմը,― կարծես շիշը ձեռքերն է ընկել, թե չէ՝ ինչո՞ւ պիտի իր տեղում չլիներ։ Ես, ահա՛, այստեղ էի դրել։ Լավ եմ հիշում, որ իր տեղն եմ դրել․․․ Ա՜խ, ահա թե որտեղ ես դու, թանկագինս,― շարունակեց նա, երբ, վերջապես, ձեռքը դիպավ որոնածին։― Ա՜խ, անասուննե՛ր, ախր ցամաքացրել են բոլորովին։ Ա՛յ սատանաների բաժին դառնաք դուք այն աշխարհում։ Նրանք ձեզ ցույց կտան, թե ինչ է նշանակում քնած մարդու գինին գողանալ։ Ա՛յ-ա՛յ-ա՛յ, Աստվա՜ծ իմ։ Հիմա ես ի՞նչ անեմ, նորից պառկեմ քնելո՞ւ։ Բայց առանց խմելու մարդու աչքին քո՞ւն կգա, երբ մտքումդ նրանք են ու մեկ էլ այն մյուսը։ Իսկ նրանք մի կաթիլ էլ չեն թողել․․․ Սպասիր։ Ամենասուրբ կույս, սո՜ւրբ Պատրիկ և բոլոր սրբեր։ Ի՞նչ եմ ասում ես։ Իսկ լիքը ջրամա՞նը։ Ախր ես սնդուկումն եմ պահել։ Լցրի մինչև բուկը, որ ճանապարհի համար մաստեր Մորիսին տամ, երբ վերջին անգամ նա ուզում էր գնալ ավան։ Իսկ նա մոռացավ իր հետ վերցնել։ Աստված չանի, որ հնդկացիներն իրենց կեղտոտ թաթը նրան էլ հասցրած լինեն, այն ժամանակ ես կխելագարվեմ․․․ Հիպ, հիպ ուռա՜,― գոչեց Ֆելիմը մի քանի րոպե սնդուկը փորփրելուց հետո։― Ուռա՜։ Ա՜յ քեզ բախտ․ կարմրամորթների մտքով չի անցել այստեղ նայել։ Ջրամանը լիքն է, ոչ ոք ձեռք չի տվել։ Հիպ-հիպ, ուռա՜։

Այս երջանիկ հայտնագործությունից հետո իռլանդացին մութ խրճիթում պարել սկսեց։

Հետո լռություն տիրեց, ապա լսվեց բացվող խցանի ճլթոցը, և հեղուկի բարձր կլկլոցը ցույց տվեց, որ այն շշի նեղ բերանից արագորեն փոխադրվում է իռլանդացու կոկորդը։

Քիչ անց այդ ձայնին փոխարինեցին շրթունքների ծփծփոցը և գոհունակության բացականչությունները։

Կլկլոցն ու ծփծփոցը իրար փոխարինում էին այնքան ժամանակ, մինչև որ, վերջապես, հնչեց հատակին ընկնող դատարկ ջրամանի զրնգոցը։

Իսկ հետո հարբածի կանչերին հաջորդեցին կցկտուր երգեր, վայրի քրքիջ և անկապ-անկապ դատողություններ կարմրամորթների և անգլուխ ձիավորների մասին, կրկնվելով ավելի ու ավելի ցածր, մինչև որ վերջապես հարբածի մրմունջը փոխվեց բարձր խռմփոցի։

Գլուխ LII․ Արթնացում

Ֆելիմի երկրորդ քունն առաջինից ավելի երկար տևեց։ Արդեն կեսօրը մոտենում էր, երբ, վերջապես, ուշքի եկավ և այն էլ հենց ուղիղ գլխին լցրած մի դույլ սառը ջրից։ Այդ բանը նրան զգաստացրեց ոչ ավելի վատ, քան կարմրամորթ վայրենիների տեսքը։

Այդ լոգանքը նրա գլխին սարքել էր Զեբ Ստումպը։

Կասա դել Կորվոյի դարբասից դուրս գալով՝ ծերունի որսորդն ամենակարճ ճանապարհով, կամ, ավելի ճիշտ՝ ամենակարճ շավիղով ուղղ-վեց դեպի Նուեսես գետը։

Առանց հետքերն ուսումնասիրելու վրա ժամանակ կորցնելու նա պրերիան անցավ և դուրս եկավ ընթերցողին արդեն հայտնի բացատը։

Լուիզա Պոյնդեքստերի ասածները համեմատելով այն ամենի հետ, ինչ ինքը գիտեր որոնումների գնացած մարդկանց մասին, ծերունի որսորդը հասկացել էր, որ Մորիսին վտանգ է սպառնում։

Ահա թե ինչու նա շտապում էր մյուսնե