Արգելված գոտի

Գրապահարան-ից
Արգելված գոտի

հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի
թարգմանիչ՝ Ռուբեն Ավետիսյան (անգլերենից)
աղբյուր՝ «Մտքի բուրմունքը»

— Սիրուն տեղ է, չէ՞, կապիտան,— իբր անտարբեր հարցրեց Սիմընսը, լուսնցույցից դուրս նայելով։— Իսկական դրախտ։— Նա հորանջեց։

— Դեռ չի կարելի դուրս գալ,— ասաց կապիտան Քիլփեփըրն ու նկատեց, որ բնագետի դեմքին անմիջապես հիասթափության արտահայտություն հայտնվեց։

— Բայց, կապիտան…

— Ո՛չ։— Քիլփեփըրը լուսանցույցից նայեց դուրս՝ կարմիր ծաղիկներով պատված կանաչ բլրապատ մարգագետնին։ Այն նույնքան հրապուրիչ տեսք ուներ, որքան երկու օր առաջ, երբ վայրէջք կատարեցին։ Մարգագետնից նջ շագանակագույն անտառ կար, ամբողջովին ծածկված դեղին ու նարնջագույն բողբոջներով։ Դեպի ձախ՝ բլուրների շարք էր, կապույտ ու կանաչ, իրար հակադրվող գույներով նախդված։ Բլուրներից մեկից ջրվեժ էր թափվում։

Ծառեր, ծաղիկներ եւ նման ուրիշ բաներ։ Վայրն, անտարակույս, գեղեցիկ էր, ահա այդ պատճառով էլ Քիլփեփըրը թերահավատությամբ էր վերաբերվում դրան։ Երկու կանանց եւ հինգ նոր տիեզերանավերի փորձը նրան սովորեցրել էր, որ հաճելի արտաքինի տակ ինչ ասես կարող է թաքնված լինել։ Տիեզերքում անցկացրած տասնհինգ տարիները նրա ճակատին ակոսներ էին ավելացրել, իսկ մազերին՝ ձյուն, բայց առիթ չէին տվել համոզմունքները փոխելու։

— Ահա զեկուցագրերը, սըր,— ասաց կապիտանի օգնական Մորենան, մի կապուկ թուղթ մեկնելով նրան։ Մորենայի լայն, կնճռոտ դեմքը դժգոհություն էր արտահայտում։ Դռան ետեւից Քիլփեփըրը ոտքերի քստքստոց ու շշուկներ լսեց։ Նա գիտեր, որ անձնակազմը հավաքվել է լսելու, թե ինքն ա՛յս անգամ ինչ կասի։

Նրանք ամեն գնով ցանկանում էին դուրս գալ։

Քիլփեփըրն աչքի անցկացրեց զեկուցումները։ Պատասխանները նույնն էին, ինչ որ առաջ։ Մթնոլորտը շնչելու համար պիտանի էր եւ վտանգավոր միկրոօրգանիզմներից զուրկ, բակտերիաներ չկային, ռադարգրաֆը կատարելապես մաքուր էր։ Մոտակա անտառում՝ կենդանական կյանքի որոշ ձեւեր, բայց գիշատիչ ուժի ոչ մի արտահայտություն։ Մի քանի մղոն դեպի հարավ հայտնաբերվել էր մեծ մետաղական զանգված, հավանաբար երկաթով հարուստ սար, որը հետագա ուսումնասիրության կարիք ուներ։

— Հրաշալի է,— տխուր ասաց Քիլփեփըրը։ Զեկուցագրերը թեթեւակի նյարդայնացնում էին նրան։ Նա անցյալ փորձից գիտեր, որ սովորաբար բոլոր մոլորակներում էլ ինչ֊որ բան այնպես չէ։ Ավելի լավ էր այդ մասին իմանալ սկզբից, մինչեւ պատահարները, որոնք կարող էին ծանր հետեւանքներ ունենալ։

— Կարո՞ղ ենք դուրս գալ, սըր,— հարցրեց Մորենան, կարճ մարմնով մեկ ձգվելով։ Քիլփեփըրը կարծես զգում էր, թե դռան ետեւում անձնակազմի անդամները ինչպես են շունչները պահել։

— Չգիտեմ,— ասաց Քիլփեփըրը։ Նա գլուխը քորեց, փորձելով նորից մերժելու համար մի լավ պատճառ գտնել։ Մի բան պետք է որ այնպես չլինի։

— Լավ,— ի վերջո ասաց նա։— Նախ պահակներ նշանակեք։ Չորս հոգի թող դուրս գան։ Ոչ ոք նավից քսանհինգ քայլից ավելի չհեռանա։— Նա ստիպված էր թույլ տալ, որ դուրս գան։ Տոթ, նեղ տիեզերանավում անցկացրած տասնվեց ամիսները կարող էին խռովության պատճառ դառնալ։

— Լսում եմ, սըր,— ասաց օգնական Մորենան եւ դուրս նետվեց սենյակից։

— Հուսով եմ, դա նշանակում է, որ գիտական խումբը կարող է դուրս գալ,— ասաց Սիմընսը, ձեռքերը գրպանները դրած։

— Անշուշտ,— հոգնած ասաց Քիլփեփըրը։— Ես ձեզ հետ կգամ։ Աստված գիտի, թե ինչ կարող է լինել։

Անանուն մոլորակի օդը քաղցրաբույր էր թվում նավի նեխած, կրկին ու կրկին շրջանառվող օդից հետո։ Սարերից շարունակ թեթեւ ու թարմ զեփյուռ էր փչում։

Կապիտան Քիլփեփըրը գոհունակությամբ խոր շունչ քաշեց, ձեռքերը կրծքին ծալած։ Գիտական խմբի անդամները կանգնել էին իրար կողք, չիմանալով ինչից սկսել։ Սիմընսը կռացավ եւ խոտի մի ցողուն պոկեց։

— Հետաքրքիր է,— ասաց նա, ցողունն արեւի դիմաց պահելով։

— Ինչո՞ւ,— հարցրեց կապիտան Քիլփեփըրը, մոտենալով։

— Նայեք,— նիհար կենսաբանը ցողունն ավելի բարձրացրեց։— Կատարելապես միասեռ է։ Բջջակազմավորման ոչ մի նշան։ Մի րոպե…— Նա կռացավ ու մի կարմիր բողբոջ պոկեց։

— Հե՛յ։ Մենք այցելուներ ունենք։— Անձնակազմի Ֆլին ազգանունով անդամն առաջինը նշմարեց բնիկներին։ Վերջիններս դուրս եկան անտառից ու վարգով դիմեցին դպի նավը։

Կապիտան Քիլփեփըրը մի հայացք նետեց նավի կողմը։ Զինված պահապանները կազմուպատրաստ էին եւ աչալուրջ։ Նա համոզվելու համար շոշափեց կողքին կապած զենքը եւ սպասեց…

— Մեր եղբայրները,— մրթմրթաց Արամիքը։ Որպես նավի լեզվաբան նա մոտեցող բնիկներին նայում էր մասնագիտական մեծ հետաքրքրությամբ։ Մնացածները նույնպես ուշադիր դիտում էին։

Առջեւից գալիս էր ընձուղտի երկար վզով (առնվազն ութ ոտնաչափ), գետաձիու հաստ ու կարճ ոտքերով մի արարած, որի դեմքը զվարթ արտահայտություն ուներ։ Նրա մորթը մուգ կարմիր էր, վրան մեծ֊մեծ սպիտակ պուտեր։

Նրանց ետեւից շարքով գալիս էին մաքուր սպիտակ բրդով ծածկված հինգ փոքրիկ կենդանի։ Կենդանիները տերիերի չափսի էին, դեմքներին հիմարավուն֊հանդիսավոր արտահայտություն։ Շարքը եզրափակում էր առնվազն տասնվեց ոտնաչափ երկարությամբ կանաչ պոչով մի գեր, կարմիր ու փոքրիկ արարած։

Նրանք կանգ առան մարդկանց դիմաց եւ խոնարհվեցին։ Երկար լռություն տիրեց, ապա բոլորը սկսեցին քահ֊քահ ծիծաղել։

Ծիծաղը կարծես ազդանշան լիներ։ Հինգ փոքրիկ կենդանիները ցատկեցին ընձուխտ֊գետաձիու մեջքին։ Մի րոպե հարմարվեցին, ապա սկսեցին մեկը մյուսի ուսերին մագլցել։ Շուտով հավասարակշռություն ձեռք բերեցին, հինգն էլ իրար վրա, ինչպես ակրոբատների խումբ։

Մարդիկ բուռն ծափահարեցին։

Գեր կենդանին անմիջապես կանգնեց պոչի վրա։

— Բրա՛վո,— գոչեց Սիմընսը։

Հինգ բրդոտ կենդանիներն ընձուղտի մեջքից ցած թռան եւ սկսեցին պարել խոզի շուրջը։

— Ուռա՛,— բացականչեց Մորիսընը՝ բակտերիոլոգը։

— Ընձուղտ֊գետաձին անշնորհք սալտո գործեց, ընկավ ականջի վրա, սողաց, ոտքի կանգնեց եւ խոր գլուխ տվեց։

Կապիտան Քիլփեփըրը կնճռոտվեց եւ ձեռքերն իրար շփեց։

Նա փորձում էր նման պահելաձեւի համար որեւէ բացատրություն գտնել։

Բնիկները հանկարծ սկսեցին երգել։ Մեղեդին տարօրինակ էր, բայց երաժշտական։ Մի քանի վայրկյան երգելուց հետո նրանք խոնարհվեցին ու սկսեցին խոտի վրա թավալվել։

Անձնակազմի անդամները շարունակում էին ծափահարել։ Արամիքը հանել էր ծոցատետրը եւ նոտագրում էր երգը։

— Դե լավ,— ասաց Քիլփեփըրը։— Անձնակա՛զմ, ես գնալ նավ։

Անձնակազմի անդամները կշտամբանքով նայեցին նրան։

— Հիմա էլ թող ուրիշները հնարավորություն ստանան,— ասաց կապիտանը։ Ափսոսանքով, մարդիկ շարք կազմած գնացին նավ։

— Երեւի ուզում եք նրանց մի քիչ էլ ուսումնասիրել,— ասաց Քիլփեփըրը գիտնականներին։

— Այո, իհարկե,— պատասխանեց Սիմընսը։— Երբեք այսպիսի բան չեմ տեսել։

Քիլփեփըրը գլխով արեց եւ վերադարձավ նավ։ Կողքով շարք կազմած անցան անձնակազմի հաջորդ չորս անդամները։

— Մորե՛նա, գոչեց Քիլփեփըրը։ Օգնականը վազելով մոտեցավ աստիճաններին։— Ես ուզում եմ, որ դու գտնես մետաղյա զանգվածը։ Հետդ մարդ վերցրու եւ նավի հետ անընդհատ ռադիոկապ կպաշտպանես․

— Լսում եմ, սըր,— ասաց Մորենան, լայն ժպտալով։— Բարեհոգի են, չէ՞։

— Այո,— ասաց Քիլփեփըրը։

— Սիրուն փոքրիկ աշխարհ է,— ասաց օգնականը։

— Այո։

Օգնական Մորենան գնաց հանդերձավորվելու։

Կապիտան Քիլփեփըրը նստեց ու սկսեց մտածել, թե մոլորակում ինչը այնպես չէ։


Հաջորդ օրվա մեծ մասը Քիլփեփըրը զբաղված էր զեկուցագիր կազմելով։ Կեսօրն անց էր, երբ նա մատիտը ցած դրեց եւ գնաց զբոսնելու։

— Մի րոպե կարելի՞ է Ձեզ, կապիտան,— հարցրեց Սիմընսը։ ԱՆտառում մի բան եմ ուզում ցույց տալ։

Քիլփեփըրը սովորության համաձայն փնթփնթաց, բայց հետեւեց կենսաբանին։ ԱՆտառը նրան էլ էր հետաքրքել։

Ճանապարհին նրանց ուղեկցում էին երեք բնիկ։ Այս երեքը շան նման էին, չհաշված գույնը՝ կարմիր ու սպիտակ, ինչպես անանուխի կոնֆետ։

— Հիմա,— անհամբերությունը հազիվ թաքցնելով ասաց Սիմընսը, երբ արդեն անտառում էին,— ձեր շուրջը նայեք։ Ի՞նչ զարմանալի բան եք տեսնում։

Քիլփեփըրը նայեց։ Ծառերը հաստաբուն էին, իրարից հեռու֊հեռու։ Այնքան հեռու, որ նրանց արանքով, փաստորեն, կարելի էր տեսնել մյուս ծառերի միջեւ ընկած բաց տարածությունը։

— Դե,— ասաց նա,— այստեղ մարդ չի կորչի։

— Ոչ, դա չի,— ասաց Սիմընսը։— Հապա նորից նայեք։

Քիլփեփըրը ժպտաց։ Սիմընսն իրեն էր բերել, որովհետեւ ինքն ավելի լավ հանդիսատես էր, քան Սիմընսի խիստ զբաղված գործընկերներից որեւէ մեկը։

Երեք բնիկները ցատկոտում էին ու խաղում։

— Մանրանտառ չկա,— մի քանի յարդ անցնելով եզրակացրեց Քիլփեփըրը։

Ծառերն բազմագույն ծաղիկներով պատված լիանաներ էին փարվել։ Շուրջը նայելով, Քիլփեփըրը տեսավ, թե ինչպես մի թռչուն վար նետվեց, թեւերը թափահարելով պտտվեց անանուխագույն շներից մեկի գլխավերեւում եւ նորից թռավ գնաց։

Թռչունը արծաթի ու ոսկու գույն ուներ։

— Դեռ ոչ մի արտառոց բան չե՞ք տեսնում,— անհամբեր հարցրեց Սիմընբը։

— Միայն գունային համակարգը,— ասաց Քիլփեփըրը։— Ուրիշ բա՞ն կա։

— Նայեք ծառերին։

Ճյուղերը կքել էին մրգերի ծանրությունից։ Մրգերը կախված էին ողկույզներով, բոլորը ներքեւի ճյուղերին․ գույների, չափսերի ու ձեւերի մի ապշեցուցիչ շիլաշփոթ։ Մի մասը նման էր խաղողի, մյուսը՝ բանանի, երրորդը՝ ձմերուկի, չորրորդը…

— Որքան հասկանում եմ, շատ տարբեր տեսակներ կան,— համարձակվեց ենթադրել Քիլփեփըրը, առանց վստահ լինելու, թե Սիմընսն ինչ է ուզում, որ ինքը տեսնի։

— Տարբեր տեսակնե՛ր։ Նայե՛ք, մա՛րդ աստծո։ Մի ճյուղի վրա տասը տեսակի միրգ է աճում։

Ավելի մոտիկից զննելով, Քիլփեփըրը տեսավ, որ դա ճիշտ է։ Ծառերը բերնված էին բազմազան ու զարմանահրաշ մրգերով։

— Իսկ այդ բանը պարզապես անհնար է,— ասաց Սիմընսը։— Իհարկե, սա իմ բնագավառը չէ, բայց կարող եմ միանգամայն վստահ հայտարարել, որ այս մրգերից յուրաքանչյուրը առանձին ու որոշակի միավոր է։ Սրանք մեկը մյուսի զարգացման աստիճանները չեն։

— Ինչպե՞ս եք բացատրում,— հարցրեց Քիլփեփըրը։

— Դա իմ գործը չէ,— ժպտաց կենսաբանը,— բայց որեւէ խեղջ բուսաբանի համար աշխատանք շատ է լինելու։

Նրանք շրջվեցին ու ետ գնացին։

— Ինչո՞ւ էիք այստեղ եկել,— Հարցրեց Քիլփեփըրը։

— Ե՞ս։ Տեղաշրջանում մի փոքրիկ մարդաբանական աշխատանք էի տակարում։։ Ապարդյուն։ Ոչ արահետներ, ոչ գործիքներ, ոչ վարելահող, ոչինչ չգտա։ Ոչ էլ նույնիսկ քարանձավներ։

Քիլփեփըրին անսովոր չթվաց, որ կենսաբանը թռուցիկ մարդաբանական հետազոտություն է կատարում։ Անհնար էր այս տեսակ արշավանքում ընդգրկել բոլոր գիտությունները։ Առաջին հերթին հարկավոր էր մտահոգվել կենդանի մնալու մասին՝ ուրեմն հարկավոր էին կենսաբանությունն ու մանրէաբանությունը։ Հետո լեզուն։ Իսկ դրանից հետո գնահատելի էին ամեն տեսակի բուսաբանական, էկոլոգիական, հոգեբանական, սոցիոլոգիական կամ ցանկացած այլ գիտելիքներ։

Երբ վերադարձան, նավի շուրջը հավաքված կենդանիներին կամ բնիկներին ութ թե ինը թռչուն էին ավելացել։ Թռչունները նույնպես վառ գունավորում ունեին․ սիսեռանախշ, շերտավոր, խայտաբղետ։ Եվ ոչ մի գորշ երանգ։


Օգնական Մորենան եւ Ֆլիտը հասել էին անտառի եզրին՝ հոգնած ու ջարդված։ Նրանք կանգ առան մի բլրի ստորոտում։

— Պետք է մագլցե՞նք,— հորանջելով հարցրեց Ֆլինը։ Մեջքի հսկայական կամերան նրան վար էր քաշում։

— Փոքրիկ սլաքն ասում է, որ պետք է։— Մորենան մատնացույց արեց ձեռքի թվատախտակը։ Ինդիկատորը հենց բլրի գագաթի վրա մետաղական զանգվածի առկայություն էր ցույց տալիս։

— Լավ կլիներ տիեզերանավերի մեջ ավտոմեքենաներ լինեին,— ասաց Ֆլինը, առաջ թեքվելով, որպեսզի թեթեւակի զառիվայր լանջի վրա հավասարակշռություն պահպանի։

— Հա, կամ էլ ուղտեր։

Գլխավերեւում ուրախ ճռվողելով ճախրում էին կարմրաոսկեգույն թռչունները։ Զեփյուռն օրորում էր բարձր խոտը եւ երգում մոտակա անտառի տերեւների ու ճյուղերի մեջ։ Նրանց հետեւից երկու բնիկ էին գալիս։ Նրանք ձիու էին նման, չհաշված, որ մորթիները կանաչ ու սպիտակ խալեր ունեին։

— Գրողի տարածը կարծես կրկես լինի,— արտասանեց Ֆլինը, դիտելով, թե ինչպես է ձիերից մեկը ցատկոտելով իր շուրջը պտույտ գործում։

— Հա,— ասաց Մորենան։ Նրանք հասան բլրի գագաթին եւ սկսեցին իջնել։ Ֆլինը կանգ առավ։

— Նայիր։

Բլրի ստորոտում մի բարակ եւ ուղիղ սյուն էր վեր ձգվում։ Աչքերով հետեւեցին, թե ուր է բարձրանում, սակայն վերջը չէր երեւում՝ սյան գագաթը մխրջված էր ամպերի մեջ։

Նրանք ներքեւ շտապեցին եւ զննեցին սյունը։ Մոտիկից այն ավելի հաստ էր, քան կարծել էին։ Տրամագիծը մոտ քսան ոտնաչափ կլինի, մտքում չափեց Մորենան։ Երեւի պողպատի համաձուլվածք է, դատելով կապտա֊գորշավուն գույնից։ Բայց այդ ո՞ր պողպատը, հարց տվեց նա ինքն իրեն, կպահի այդ չափսի ձողը։

— Այդ ամպերն ի՞նչ բարձրության կլինեն,— հարցրեց Մորենան։

Ֆլինը վիզը ետ թեքեց։

— Աստված գիտի, առնվազն կես մղոն։ Գուցեեւ մեկ մղոն։— Սյունը նավից չէր երեւացել ամպածածկույթի եւ շրջապատին համընկնող իր կապտամոխրագույն երանգի շնորհիվ։

— Հավատս չի գալիս,— ասաց Մորենան։— Դրա վրայի ճնշման ո՞ւժը որքան կլինի։— Նրանք երկյուղածորեն նայեցին վիթխարի ձողին։

— Էհ,— ասաց Ֆլինը,— մի քանի նկար անեմ։— Նա հանեց կամերան եւ երեք անգամ լուսանկարեց ձողը քսան քայլ տարածությունից, հետո չափերը համեմատելու համար սյան կողքին նկարեց Մորենային։ Ապա երեք անգամ նկարեց ձողի վերին մասը։

— Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է,— հարցրեց Մորենան։

— Թող խելոք գլուխները պարզեն,— ասաց Ֆլինը։— Կգժվեն սրա ձեռքը։

Նա ծալեց֊հավաքեց կամերան։

— Հիմա նորից պիտի քայլենք։— Ապա նայեց կանաչ ու սպիտակ ձիերին։— Ձիով չգնա՞մ։

— Գնա, բա ոնց, միանգամից կոտրիր վիզդ ու վերջ,— ասաց Մորենան։

— Հե՛յ, ջահե՛լ, մի այստեղ արի,— կանչեց Ֆլինը։ Ձիերից մեկը մոտեցավ ու ծնկեց նրա կողքին։ Ֆլինը զգույշ մագլցեց ձիու մեջքին։ Հեծնեց, նայեց Մորենային ու ժպտաց։

— Կամերան չջարդես,— ասաց Մորենան։— Պետական գույք է։

— Կարգին տղա ես,— ասաց Ֆլինը ձիուն։— Խեքո՜քս։— Ձին ոտքի կանգնեց ու ժպտաց։

— Կհանդիպենք ճամբարում,— ասաց Ֆլինը, ձին քշելով դեպի բլուրը։

— Մի րոպե սպասիր, ասաց Մորենան։ Նա մռայլ նայեց Ֆլինին, հետո ձեռքի շարժումով մոտ կանչեց մյուս ձիուն։— Այստեղ արի, ջահե՛լ։— Ձին ծունկ չոքեց եւ նա մագլցեց վրան։

Մի քանի րոպե նրանք փորձելու համար շրջաններ էին գծում։ Ձիերին կարելի էր ղեկավարել մի հպումով։ Նրանց լայն մեջքերը զարմանալիորեն հարմարավետ էին։ Կարմրաոսկեգույն թռչուններից մեկը իջավ ու թառեց Ֆլինի ուսին։

— Հե՛յ, այ սա է իսկական կյանքը,— ասաց Ֆլինը, թփթփացնելով իր նժույգի փայլուն մորթուն։

— Տեսնենք ո՞վ շուտ ճամբար կհասնի։

— Տեսնենք,— ասաց Մորենան։ Բայց, ինչքան էլ ստիպեցին, ձիերը քայլերը չարագացրին։


Քիլփեփըրը պպզել էր նավից ոչ հեռու՝ խոտերի մեջ, ու դիտում էր, թե ինչպես է Արամիքն աշխատում։ Լեզվաբանը համբերատար մարդ էր։ Բոլորը միշտ հիանում էին նրա համբերությամբ։ Գործընկերները, իր քույրերը, նախկին ուսանողները…

— Հիմա կփորձենք,— մեղմագույն ձայնով ասաց Արամիքը։ Նա արագ թերթեց «Լեզվական մոտեցում մոլորակային երկրորդ կարգի բանականության հանդեպ» իր իսկ գրած գիրքը, գտավ հարկավոր դիագրամը եւ մատնացույց արեց։

 Արամիքի կողքը կանգնած կենդանին ասես շերտավոր սկյուռի եւ հսկա ջրարջի աներեւակայելի խառնուրդ լիներ։ Կենդանին մի աչքը բազմանշանակ հառեց դիագրամին, մինչդեռ մյուսը զավեշտաբար պտտվում էր առանցքի շուրջը։

— Մոլորա՛կ,— ասաց Արամիքը, մատնացույց անելով։— Մոլորա՛կ։

— Ներեցեք, նավապետ,— ասաց Սիմընսը։— Ուզում եմ ռենտգենյան մեքենան այստեղ տեղադրել։

— Իհարկե,— ասաց Քիլփեփըրն ու շարժվեց մի կողմ, թույլ տալով, որ կենսաբանը մեքենան դնի տեղը։

— Մոլորակ,— կրկին ասաց Արամիքը։

էլամ վեսել հոլամ քրամ,— ուրախ֊ուռախ ասաց ջրարջասկյուռը։

Սատանան տանի, նրանք լեզու ունեն։ Հնչուններն անշուշտ ինչ֊որ իմաստ են պարունակում։ Հարցը միայն ընդհանրություններ գտնելն է։ Արդյոք նրանք հասե՞լ են հասարակ ընդհանրացումների։— Արամիքը ցած դրեց գիրքը եւ մատնացույց արեց ջրարջասկյուռին։

— Կենդանի,— ասաց նա եւ սպասեց։

— Թող, որ ուղիղ կանգնի,— ասաց Սիմընսը, ռենտգենյան ապարատով նշան բռնելով։— Ըեը, լավ է, հիմա մի անգամ էլ…

— Կենդանի,— հույսը չէր կորցնում Արամիքը։

Իֆուլ բիֆուլ բոքս,— ասաց կենդանին։— Հոֆուլ թոֆուլ, լոքս, ռամադան, սամդուրան, իֆուլ բիֆուլ բոքս։

— Համբերություն, ինքնիրեն հիշեցրեց Արամիքը։ Բարյացակամ վերաբերմունք։ Կենսուրախություն։ Երբեք հույսը չկտրել։

Նա հանեց մի ուրիշ դասագիրք։ Այս մեկը կոչվում էր «Լեզվական մոտեցում այլմոլորակային առաջին կարգի բանականության նկատմամբ»։

Գտավ իր ուզածը եւ կրկին գիրքը մի կողմ դրեց։ Ժպտալով, նա բարձրացրեց մատը։

— Մեկ,— ասաց նա։

Կենդանին առաջ հակվեց եւ հոտոտեց մատը։

Մռայլ ժպտալով, Արամիքը բացեց մյուս մատը։

— Երկու։ Հետո երրորդը․— Երեք։

Հուգելեքս, — հանկարծ ասաց կենդանին։

Երկբարբա՞ռ։ Թե՞ «մեկի» տեղական անվանումը։

— Մեկ,— կրկին ասաց նա, թափահարելով նույն մատը։

Կենդանին հանկարծ սկսեց երգել։

Սեվեֆ հեվեֆ ուլուդ քրամ, արագան, բիլիգան, հոմուս դրամ։

Ապա կանգ առավ եւ նայեց քամուց ծածանվող լեզվական մոտեցման դասագրքի էջերին, իսկ հետո լեզվաբանին, որին չտեսնված համբերատարությունն էր ետ պահել, որ չխեղդի ուրախ ջրարջասկյուռին։


Երբ Մորենան ու Ֆլինը վերադարձան, Քիլփեփըրի առաջ մի նոր ծանր խնդիր ծառացավ։ Լուսանկարները շտապ երեւակվեցին, եւ Քիլփեփերը սկսեց խնամքով ուսումնասիրել դրանք։

Ձողը կլոր էր, հարթ եւ ակնհայտորեն արհեստական։ Այդպիսի բան պատրաստող ցեղը կարող էր անախորժություններ պատճառել նրանց։ Մեծ անախորժություններ։

Բայց ո՞վ էր դրել ձողը։ Իհարկե, ոչ նավի շուրջը հավաքված երջանիկ, հիմար կենդանիները։

— Ասում եք, գագաթն ամպեի՞ մեջ է,— հարցրեցց Քիլփեփըրը։

— Այո, սըր,— ասաց Մորենան։— Անիծյալ երկաթի կտորը երեւի մի մղոն բարձրություն կունենա։

— Ես գնացեք,— ասաց Քիլփեփըրը։— Ռադարսկոպ վերցրեք։ Ինֆրակարմիր սարքավորում։ Եվ ինձ բերեք այդ ձողի գագաթի լուսանկարը։ Ուզում եմ իմանալ, որքան է դրա բարձրությունը եւ գագաթին ինչ կա, արա՛գ։

Ֆլինն ու Մորենան հեռացան։

Քիլփեփըրը մի րոպե եւս նայեց դեռեւս բաց լուսանկարներին, ապա ցած դրեց ու քայլեց դեպի նավի լաբորատորիա, տանջվելով անորոշ կասկածներից։

Մոլորակից բան հասկանալ չէր լինում։ Եվ դա անհանգստացնում էր նրան։ Ամեն ինչ իր բացատրությունն ունի։ Կյանքի դառը փորձը Քիլփեփըրին սովորեցրել էր, որ եթե ժամանակին չես գտնում բացատրությունը, ավելի վատ քեզ համար։


Մորիսընը՝ մանրէաբանը, փոքրամարմին տխուր մարդ էր՝ ասես իր մանրադիտակի հավելվածը լիներ։

— Մի բան գտա՞ք,— հարցրեց Քիլփեփըրը։

— Ես մի բանի բացակայություն եմ գտել,— ասցա Մորիսընը,— հայացքը մանրադիտակից կտրելով ու աչքերը թարթելով։— Մի ահագին ու շատ բանի բացակայություն եմ գտել։

— Ինչի՞,— հարցրեց Քիլփեփըրը։

— Ես փորձեր կատարեցի ծաղիկների վրա,— ասաց Մորիսընը,— փորձեր հողի եւ ջրի վրա։ Դեռեւս ոչինչ որոշակի, բայց պատրաստվեք, բան եմ ասելու։

— Ես պատրաստ եմ։ Ի՞նչ է պատահել։

— Այս մոլորակի վրա ոչ մի մանրէ չկա։

— Լո՞ւրջ,— ասաց Քիլփեփըրը, որովհետեւ ավելի հարմար ասելու բան չգտավ։ Նա այդ հայտարարությունը առանձնապես ցնցող չհամարեց։ Բայց մանրէաբանն իրեն այնպես էր պահում, ասես հայտնել էր, որ մոլորակի ընդերքը հարյուր տոկոսով ռոկֆոր պանրից է կազմված։

— Այո՛, այո՛։ Առվակի ջուրն ավելի մաքուր է, քան թորած ալկոհոլը։ Փոշին այս մոլորակում ավելի մաքուր է, քան եռացրած հերձադանակը։ Եղած մանրէները մեր բերածներն են։ Այն էլ մեռնում են։

— Ինչպե՞ս։

— Այստեղի օդը պարունակում է ախտահանող նյութեր․ երեքը ես հայտնաբերել եմ, իսկ երեւի մի չորս այդքան էլ՝ չեմ հայտնաբերել։ Նույնը վերաբերում է հողին ու ջրին։ Այս վայրը ստերիլիզացված է։

— Հմ, այո,— ասաց Քիլփեփըրը։ Նա չէր կարողանում գնահատել հայտարարության ամբողջ կարեւորությունը Նրա մտքերն, այնուամենայնիվ, կլանված էին պողպատյա ձողով։— Ի՞նչ է դա նշանակում։

— Ուրախ եմ, որ հարցրեցիք,— ասաց Մորիսընը։— Այո, իրոք ուրախ եմ, որ հարցրեցիք։ Դա պարզապես նշանակում է, որ այս վայրը գոյություն չունի։

— Է՜, դե լա՜վ…

— Բան եմ ասում։ Առանց միկրոօրգանիզմների կյանք լինել չի կարող։ Կյանքային ցիկլի մի ամբողջ հատված այստեղ պակաս է։

— Դժբախտաբար, գոյություն ունի,— մեղմորեն ձեռքով ցույց տվեց Քիլփեփըրը։— Ուրիշ տեսություններ կա՞ն։

— Այո, բայց նախ ուզում եմ այս փորձերը վերջացնել։ Սակայն ձեզ մի բան կասեմ, եւ դուք, գուցե, ինքներդ եզրակացություններ անեք։

— Ասեք, լսում եմ։

— Այս մոլորակի վրա չկարողացա մի քարի կտոր գտնել։ Իհարկե, դա իմ անմիջական բնագավառը չէ, բայց մենք բոլորս էլ ստիպված ենք այս արշավանքի ընթացքում զբաղվել այն ամենով, ինչից խելքներս մի փոքր կտրում է։ Ինչեւէ, ես մի քիչ հետաքրքրվում եմ երկրաբանությամբ։ Շրջակայքում ոչ մի քարակտոր կամ ժայռակտոր չկա։ Ամենափոքր քարը մոտ յոթ տոննա քաշ ունի, ըստ իս։

— Ի՞նչ է դա նշանակում։

— Ըհը, ձեզ է՞լ հետաքրքրեց,— ժպտաց Մորիսընը։— Ինձ կներեք։ Ուզում եմ մինչեւ ընթրիք վերջացնել այս փորձերը։


Մայրամուտից մի քիչ առաջ կենդանիների ռենտգենյան ուսումնասիրություններն ավարտվեցին։ Քիլփեփըրին նոր անակնկալ էր սպասում։ Մորիսընն ասել էր, որ մոլորակը չի կարող գոյություն ունենալ։ Այժմ Սիմընսը պնդում էր, որ կենդանիները չեն կարող գոյություն ունենալ։

— Հապա նայեք այս նկարներին,— ասում էր նա Քիլփեփըրին։— Նայեք։ Որեւէ օրգան տեսնո՞ւմ եք։

— Ես ռենտգենից առանձնապես չեմ հասկանում։

— Պետք էլ չի։ Ուղղակի նայեք։— Երեւում էին մի քանի ոստոր եւ մեկ թե երկու օրգան։ Մի քանի նկարների վրա նյարդային համակարգի հետքեր կային, բայց, մեծ մասամբ, կենդանիները միանգամայն համասեռ էին թվում։

— Այսքան փոքր ներքին կառուցվածքով նույնիսկ երիզորդը չի կարող շարժվել,— ասաց Սիմընսը։— Այսպիսի պարզեցումն անհնար է։ Թոքերին կամ սրտին համապատասխանող ոչ մի բան չկա։ Չկա արյան շրջանառություն։ Ուղեղ։ Համարյա բացակայում է նյարդային սիստեմը։ Եղած օրգաններն էլ ոչ մի խելքին մոտ բան չեն ներկայացնում։

— Եվ ձեր եզրակացությունը…

— Որ այս կենդանիները գոյություն չունեն,— զվարթ ասաց Սիմընսը։ Նրան դուր էր գալիս այդ միտքը։ Ա՛յ թե լավ կլիներ գոյություոն չունեցող կենդանու մասին գիտական հոդված գրել։

Կամաց հայհոյելով, նրանց կողքից անցավ Արամիքը։

— Մի բան ստացվե՞ց դրանց լեզվի հետ,— հարցրեց նրան Սիմընսը։

— Ո՛չ,— գոռաց Արամիքը, ապա շառագունեց։— Ներեցեք։ Ես հենց նոր նրանց ստուգեցի ըստ գիտակցության C3BB աստիճանի։ Դա ամեոբաների կարգն է։ Ոչ մի օգուտ։

— Գուցե լրիվ անուղե՞ղ են,— ենթադրեց Քիլփեփըրը։

— Ոչ։ Հնարքներ անելու նրանց ունակությունը գիտակցության որոշակի աստիճան է արտահայտում։ Նրանք նաեւ ինչ֊որ լեզու ունեն եւ տարբեր պատասխանաձեւեր։ Բայց ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում։ Միայն երգում են։

— Ինձ թվում է, մենք ընթրելու կարիք ունենք,— ասաց Քիլփեփըրը։— Եվ երեւի հոգեպահուստից մի քիչ խմելու բան վերցնենք։


Այս անգամ սովորականից շատ խմեցին։ Մի երկու շշից գիտնականները կարգին փափկեցին ու անցան քննարկմանը։ Համադրեցին փաստերը։

Առաջին՝ բնիկները, կամ կենդանիները ներքին օրգանների ոչ մի նշան չունեն, չունեն բազմացման կամ արտաթորման օրգաններ։ Թռչուններին չհաշված, կենդանիների մոտ քառասուն տեսակ կա եւ ամեն օր հայտնվում են նորերը։

Նույնը վերաբերում է բույսերին։

Երկրորդ՝ մոլորակը ստերիլ է եւ ինքն է ապահովում իր ստերիլությունը։

Երրորդ՝ բնիկները լեզու ունեն, բայց ակներեւաբար չեն կարողանում ուրիշների հետ հաղորդակցվել։ Ոչ էլ կարողանում են այլ լեզու սովորել։

Չորրորդ՝ շրջապատում փոքր քարեր ու ժայռաբեկորներ չկան։

Հինգերորդ՝ մի հսկայական պողպատե ձող կա, որի բարձրությունն առնվազն մեկ մղոն է․ ճշգրիտ բարձրությունը կպարզվի, երբ կերեւակվեն նոր լուսանկարները։ Թեեւ մեքենաներ չկան, ձողն ակնհայտորեն մեքենայական կուլտուրայի արգասիք է։ Ինչ֊որ մեկը կառուցել եւ դրել է այնտեղ։

— Հիմա համադրեք փաստերը։ Ի՞նչ է ստացվում,— հարցրեց Քիլփեփըրը։

— Ես վարկած ունեմ,— ասաց Մորիսընը։— Գեղեցիկ մի վարկած։ Կույենայի՞ք լսել։

Բոլորն ասացին այո, բացի Արամիքից, որը դեռ չէր կարողանում մոռանալ բնիկների լեզուն սովորելու իր անընդունակությունը։

Իմ պատկերացմամբ այս մոլորակը մարդու ձեռքի գործն է։ Պետք է որ այդպես լինի։ Ոչ մի կենդանական աշխարհ չէր կարողանա զարգանալ առանց մանրէների։ Մոլորակը կառուցել է ինչ֊որ գերագույն ցեղ՝ ցեղ, որը տնկել է այն պողպատե սյունը։ Կառուցել է այս կենդանիների համար։

— Ինչո՞ւ,— հարցրեց Քիլփեփըրը։

— Հենց դա է գեղեցիկը,— եկազկոտ ասաց Մորիսընը։— Մաքուր ալտրուիզմ։ Նայեք բնիկներին։ Երջանիկ, չարաճճի։ Բացարձակապես զուրկ դաժանությունից, տգեղ սովորությներից։ Մի՞թե նրանք արժանի չեն սեփական աշխարհ ունենալու։ Աշխարհ, որտեղ կարող են խաղաղ եւ թռչկոտել հավերժ ամառային դաշտերում ու անտառներում։

— Այո, գեղեցիկ է,— ասաց Քիլփեփըրը, ժպիտը զսպելով։— Բայց…

— Այս մարդիկ հիշեցնում են,— շարունակեց Մորիսընը։— Պատգամ բոլոր եկող ու գնացող ցեղերին, որն ասում է՝ այո՛, մարդը կարող է խաղաղ ապրել։

— Այդ ամենի մեջ միայն մի թերություն կա,— ասաց Սիմընսը։— Այդ կենդանիները երբեք չէին կարող բնական ճանապարհով զարգանալ։ Ռենտգենյան նկարները բոլորդ տեսել եք։

— Ճիշտ է։— Մի կարճատեւ պահ երազողը մարտնչեց կենսաբանի հետ եւ պարտություն կրեց։— Գուցե նրանք ռոբոտներ են։

— Ես էլ եմ այդ բացատրության կողմնակիցը,— ասաց Սիմընսը։— Ըստ իս պողպատյա ձողը կառուցող ցեղը ստեղծել է նաեւ այս կենդանիներին։ Նրանք ծառաներ են, ստրուկներ։ Գուցե կարծում են, թե մենք ենք իրնեց տերերը։

— Իսկ ո՞ւր են չքվել իսկական տերերը,— հարցրեց Քիլփեփըրը։— Մենք չհայտնաբերեցինք ոչ մի բան, որ խոսեր նրանց ներկայության մասին։

— Այնքան զարգացած են, որ մեքենաների կամ տների կարիք չեն զգում։ Ապրում են միահյուսված բնությանը։

— Այդ դեպքում ինչո՞ւ են ծառաների անհրաժեշտություն զգում,— անողոքաբար հարցրեց Մորիսընը։— Եվ ինչո՞ւ են կառուցել սյունը։


Այդ երեկո պողպատե ձողի նոր նկարները երեւակվեցին եւ գիտնականներն անհամբերությամբ սկսեցին դրանց ուսումնասիրությունը։ Ձողի գագաթը մոտ մեկ մղոն բարձրություն ուներ եւ թաքնված էր խիտ ամպերի մեջ։ Գագաթի յուրաքանչյուր կողմում, ուղիղ անկյան տակ ութսունհինգական ոտնաչափ երկարությամբ տարածված ինչ֊որ ելուստներ կային։

— Դիտաշտարակի նման է,— ասաց Սիմընսը։

— Այդքան վերեւու ի՞նչ պիտի դիտեն,— հարցրեց Մորիսընը։— Բացի ամպերից բան չեն տեսնի։

— Գուցե սիրում են ամպերին նայել,— ասաց Սիմընսը։

— Գնում եմ քնելու,— ծայրահեղ զզվանքի արտահայտությամբ հայտարարեց Քիլփեփըրը։


Երբ Քիլփեփըրը հաջորդ առավոտյան արթնացավ, զգաց, որ մի բան այնպես չէ։ Հագնվեց եւ դուրս գնաց։ Ինչ֊որ անորսալի փոփոխություն զգաց քամու մեջ։ Թե՞ նյարդերն էին։

Քիլփեփըրը գլուխը տարուբերեց։ Նա վստահում էր իր նախազգացումներին։ Դրանք սովորաբար կշռադատությունների որոշակի փուլի ավարտ էին խորհրդանշում։

Նավի շուրջն ամեն բան կարգին էր թվում։ Կենդանիները ծույլ֊ծույլ թափառում էին։

Քիլփեփըրը սեւեռուն նայեց նրանց եւ քայլեց տիեզերանավի մյուս կողմը։ Գիտնականները կրկին գործի էին անցել, փորձելով լուծել մոլորակի առաջադրած հանելուկները։ Արամիքը ճգնում էր լեզու սովորել թախծոտ աչքերով, արծաթականաչավուն ինչ֊որ կենդանուց։ Այս առավոտ կենդանին անսովոր հույլ էր դարձել։ Հազիվհազ մրթմրթում էր իր երգերը, ոչ մի ուշադրություն չդարձնելով Արամիքին։ Քիլփեփըրը հիշեց Կիրկեին[1]։ Իսկ ի՞նչ, եթե այդ կենդանիները մարդիկ են եղել, որոնց կախարդել է չար վհուկը։ Ապա հեռու վանեց այդ մտահնար գաղափարը եւ քայլեց առաջ։

Անձնակազմի անդամները ոչ մի փոփոխություն չէին նկատել։ Նրանք խմբով գնացել էին ջրվեժ՝ լողանալու։ Քիլփեփըրը երկու հոգու հանձնարարեց մանրակրկիտ զննել պողպատե ձողը։ Այդ ձողը նրան ամեն ինչից շատ էր անհանգստացնում։ Գիտնականները դրան առանձին ուշադրություն չէին դարձնում, եւ դա բնական էր։ Ամեն մեկին իր գործն է առաջնային թվում։ Լեզվաբանը առաջնակարգ կարեւորություն է տալիս լեզվին, մինչդեռ բուսաբանին թվում է, թե բանալին բազմապտուղ ծառերն են։

Իսկ ի՞ր կարծիքը։ Կապիտան Քիլփեփըրը քննեց սեփական մտքերը։

Հարկավոր է միացյալ վարկած, որոշեց նա։ Մի բան, որը կմիավորի բոլոր ուսումնասիրած երեւույթները։

Ո՞րն է լինելու այդ վարկածը։ Ինչո՞ւ չկան մանրէներ։ Չկան քարեր։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ։ Քիլփեփըրը վստահ էր, որ բացատրությունը համեմատաբար պարզ է։ Նա համարյա տեսնում էր այդ բացատրությունը, բայց ավա՜ղ։

Նավապետը նստեց ստվերում, հենվեց նավին եւ փորձեց մտածել։

Կեսօրին մոտեցավ Արամիքը՝ լեզվաբանը։ Նա գրքերը մեկ֊մեկ շպրտեց մի կողմ։

— Հանգի՛ստ,— ասաց Քիլփեփըրը։

— Ես ձեռք եմ քաշում,— ասաց Արամիքը։— Այդ անասուններն արդեն ոչ մի ուշադրություն չեն դարձնում։ Միայն խոսում են։ Եվ դադարել են հնարքներ բանեցնել։

Քիլփեփըրը ոտքի կանգնեց եւ քայլեց դեպի կենդանիները։ Իրոք, նրանք ամենեւին աշխույժ տեսք չունեին։ Նազիվհազ սողում էին, ասես թերասնության հետեւանքով մեռնելու վրա լինեին։

Սիմընսը, կանգնած նրանց կողքին, փոքրիկ ծոցատետրի մեջ նշումներ էր անում։

— Ի՞նչ է պատահել քո փոքրիկ բարեկամներին,— հարցրեց Քիլփեփըրը։

— Չգիտեմ,— ասաց Սիմընսը։— Երեւի անցյալ գիշեր հուզմունքից անքուն են մնացել։

Ընձուղտանման կենդանին հանկարծ նստեց։ Ապա դանդաղ կողքի շրջվեց ու անշարժացավ։

— Տորօրինակ է,— ասաց Սիմընսը։— Առաջին անգամ է նրանցից մեկն այսպիսի բան անում։— Նա կռացավ դեպի ընկած կենդանին եւ ականջը դրեց կրծքին։ Մի քանի վայրկյանից ուղղվեց։

— Կյանքի ոչ մի նշան,— ասաց նա։

Փոքր կենդանիներից երկուսը՝ փայլուն սեւ մորթիներով, նույնպես ընկան։

— Աստված իմ,— ասաց Սիմընսը, շտապելով նրանց կողմ,— սա ի՞նչ է։

— Մանրէները,— ասաց ծեփի պես գույն ստացած Մորիսընը, նավեից դուրս գալով։— Նավապետ, այնպիսի զգացում ունեմ, ասես հանցագործ լինեմ։ Ինձ թվում է մենք սպանեցինք այս խեղճ անասուններին։ Հիշո՞ւմ եք, ձեզ ասացի, որ այս մոլորակի վրա միկրոօրգանիզմների ոչ մի նշույլ չկա։ Իսկ մեզ հետ ինչքա՞ն բերեցինք։ Մանրէները մեր մարմիններից հորդում են դեպի այս տանտերերը։ Իսկ տանտերերը բոլորովին դիմադրողականություն չունեն, հիշեք այդ բանը։

— Դուք կարծեմ ասում էիք, որ օդը մի քանի ախտահանող նյութեր ունի,— հարցրեց Քիլփեփըրը։

— Ըստ երեւույթին դրանք բավականաչափ արագ չգործեցին։— Մորիսընը կռացավ փոքրիկ կենդանիներից մեկի վրա եւ զննեց։— Վստահ եմ այդ բանում։

Նավի շուրջը գտնվող մնացած կենդանիները սկսեցին մեկը մյոսւի ետեւից ընկնել ու մնալ անշարժ պառկած։ Կապիտան Քիլփեփըրը անհանգստացած շուրջը նայեց։

Անձնակազմի անդամներից մեկը հեասպառ մոտ վազեց։ Նա դեռ թաց էր ջրվեժում լողալուց հետո։

— Սը՛ր,— շնչակտուր ասաց նա։— Ջրվեժի մոտ, կենդանիները…

— Գիտեմ,— ասաց նավապետը։— Բոլորին կանչել այստեղ։

— Ոչ միայն դա, սըէ։ Ջրվեժը… գիտեք, ջրվեժը…

— Դե ասա, մի ծամիր։

— Կանգ է առել, սըր։ Չի հոսում։

— Բոլորին այստե՛ղ։— Մարդը նորից ետ սուրաց դեպի ջրվեժը։ Քիլփեփըրը շուրջը նայեց, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է փնտրում։ Շագանակագույն անտառը հանդարտ էր։ Չափից ավելի հանդարտ։

Պատասխանը համարյա պարզ էր։

Քիլփեփըրը հասկացավ, որ իջնելու պահից անվերջ փչող մեղմ զեփյուռը դադարել է։

— Ի՞նչ է կատարվում այստեղ, գրողը տանի,— տագնապահար ասաց Սիմընսը։ Նրանք ետ֊ետ քայլեցին դեպի նավը։

— Արեւը մթնո՞ւմ է,— շշնջաց Մորիսընը։ Դժվար էր ասելը։

Միջօրն էր, բայց արեւն իրոք պակաս պայծառ էր թվում։

Անձնակազմի անդամները ջրվեժից ետ էին գալիս, նրանց թաց մարմինները փայլում էին։ Քիլփեփըրի կարգադրությամբ նրանք շարքով մտան նավ։ Գիտնականները մնացին կանգնած, նայելով մարգագետնին, որտեղ քար լռություն էր տիրել։

— Ի՞նչ կարող ենք արած լինել,— հարցրեց Արամիքը։ Նրա մարմնով սարսուռ անցավ, երբ նայեց ընկած կենդանիներին։

Այն երկուսը, որոնք գնացել էին ձողը զննելու, վազելով իջան բլուրից․ նրանք այնպես էին սլանում, ասես ետեւներից սատանա էր ընկել։

— Է՞լ ինչ կա,— հարցրեց Քիլփեփըրը։

— Այդ անիծյալ ձողը, սըր,— ասաց Մորենան,— պտտվում է։ Ձողը՝ մեկ մղոն բարձրությամբ աներեւակայելիորեն կարծր մետաղի այդ զանգվածը, պտտվում էր։

— Ե՛տ դեպի նավը,— մրթմրթաց Քիքփեփըրը։ Այժմ պատասխանը հասունանում էր։ Հարկավոր էր ընդամենը մի փոքր վկայություն։ Մի բան եւս…

Կենդանիները ոտքի՛ թռան։ Արծաթակարմիր թռչունները կրկին սկսեցին ճախրել բարձր երկնքում։ Ընձուղտ֊գետաձին ոտքի ելավ, խռխռացրեց եւ վազեց։ Մնացած կենդանիները հետեւեցին նրան։ Անտառից արտառոց կենդանիների մի ամբողջ հեղեղ հորդորեց մարգագետին։

Նրանք թափով սլացան արեւմուտք, նավից այն կողմ։

— Ե՛տ դեպի նավը, հանկարծ գոչեց Քիլփեփըրը։ Ահա վերջին հանգամանքը։ Այժմ նավապետը գիտեր, եւ նրա հույսը միայն ժամանակին նավը խոր տիեզերք հանելն էր։

— Շտապե՛ք վերեւ, գրողը տանի։ Միացրեք շարժիչները,— գոռաց նա աչքերը չռած մարդկանց։

— Բայց մեր սարքավորումները դեռ թափթփված են նավի շուրջը,— ասաց Սիմընսը։— Պատճառ չեմ տեսնում այս…

— Հրանոթների մո՛տ,— բղավեց Քիլփեփըրը, գիտնականներին հրելով դեպի նավի մուտքը։

Հանկարծ արեւմուտքում երկար ստվերներ հայտնվեցին։

— Նավապե՛տ։ Մենք դեռ չենք ավարտել հետազոտությունները։

— Երջանիկ կլինեք, եթե կաշիներդ փրկեք,— ասաց Քիլփեփըրը նավ մտնելուն պես։— Մինչեւ հիմա չե՞ք հասկացել, թե ինչն ինչոց է․ Փակեք դռնակը։ Ամեն բան իր տեղում լինի։

— Նկատի ունեք պտտվող ձո՞ղը,— հարցրեց սիմընսը, Մորիսընի կողքին սողալով դեպի նավապետի կամրջակը։— Լավ, ենթադրենք, թե մի գերագույն ցեղ կա…

— Այդ պտտվող ձողը բանալի է մոլորակի մեջ,— ասաց Քիլփեփըրը, նետվելով դեպի նավապետի կամրջակը։— Որը լարում է այս մոլորակը։ Այս ամբողջ աշխարհն այդպիսին է։ Կենդանիները, գետերը, քամին, ամեն բան լարովի է։

Նա ամբողջ ուժով սեղմեց «Արագ ելք դեպի տիեզերք» կոճակը։

— Կապե՛ք ամրագոտիները,— ասաց նա։— Ինքներդ դատեք։ Մի վայր, որտեղ ծառերից ամեն տեսակ հիանալի մրգեր են կախված։ Որտեղ ոչ մի վնասակար մանրէ չկա, նույնիսկ սուր քար չկա, որ ոտքը ծակի։ Մի վայր, լցված զարմանահրաշ, զավեշտական, մեղմաբարո կենդանիներով։ Որտեղ ամեն ինչ նախատեսված է զվարճանքների համար։

— Խաղահրապարա՛կ։

Գիտնականներն աչքները չռաց նայեցին նրան։

— Ձողը բանալի է։ Մեր անկոչ այցի ընթացքում լարը կանգնել էր։ Այժմ ինչ֊որ մեկը նորից լարում է մոլորակը։

Դրսում ստվերները հազարավոր ոտնաչափ երկարությամբ տարածվել էին կանաչ մարգագետնի վրա։

— Հիմա պինդ բռնվեք,— ասաց Քիլփեփըրը, ընթացքի բռնակը շարժելով։— Ի տարբերություն խաղալիք֊կենդանիների, ես չեմ ուզում հանդիպել այստեղ խաղացող երեխաներին։ Եվ հատկապես չեմ ուզում հանդիպել նրանց ծնողներին։

  1. Դիցաբանական կախարդուհի, որը կերպարանափոխեց ուղեկիցներին՝ խոզերի վերածելով նրանց։