Գյուղացիները

Գրապահարան-ից
Գյուղացիները

հեղինակ՝ Վասիլի Շուկշին
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան


«Մամա, ոչինչ էլ չի լինի։ Ջահել օրերդ հիշիր, վեր կաց, արի։ Մոսկվան էլ կտեսնես, ուրիշ բաներ էլ։ Ճամփի ծախսը կուղարկեմ։ Մենակ թե, լավ կլինի, ինքնաթիռով գաս, էժան կնստի։ Հեռագիրը շուտ տուր, որ իմանամ, թե երթ եմ դիմավորելու։ Ամենակարևորը՝ չվախենաս»։

Մալանյա տատը կարդաց, չորացած շրթունքները հավաքեց, ձգեց, մտքերի մեջ ընկավ։

— Պավելս իրա մոտ ա կանչում,— ասաց Շուրկային ու նրան նայեց ակնոցի վրայից։ (Շուրկան Մալանյա տատի թոռն է, աղջկա որդին։ Աղջկա անձնական կյանքը չէր դասավորվում (երրորդ անգամ ամուսնացավ), տատը համոզեց առայժմ իր մոտ թողնել Շուրկային։ Թոռանը սիրում էր, բայց երես չէր տալիս)։

Սեղանի մոտ նստած, Շուրկան դաս էր սովորում։ Ի պատասխան տատի ասածի, ուսերը թոթվեց՝ որ կանչում է, գնա։

— Արձակուրդդ ե՞րբ ա,— խստորեն հարցրեց տատը։

Շուրկան ականջները սրեց։

— Ո՞ր։ Ձմեռայի՞ն:

— Էլ ո՞ր, բա ամառայի՞ն։

— Հունվարի մեկից։ Ինչի՞ որ։

Տատը նորից շրթունքները հավաքեց, ձգեց՝ մտքերի մեջ ընկավ։

Իսկ Շուրկայի սիրտը հուզմունքից և ուրախությունից թրթռաց։

— Ինչի՞ որ,— մի անգամ էլ հարցրեց նա։

— Հե՛չ։ Դասերդ արա։— Տատը նամակը դրեց գոգնոցի գրպանը, հագնվեց ու խրճիթից դուրս ելավ։

Շուրկան մոտ վազեց լուսամուտին, տեսնելու, թե ուր գնաց տատը։

Մալանյա տատը դարպասի մոտ հանդիպեց հարևանուհուն և սկսեց բարձրաձայն պատմել։

— Պավելս ղոնախ ա կանչում իրա մոտ, Մոսկվա։ Շվարել, մնացել եմ։ Խելքս բան չի կտրում։ «Մամա, վեր կաց, արի,– ասում ա,— շատ ու շատ կարոտել եմ»։

Հարևանուհին ինչ-որ բան ասաց։ Շուրկան պատասխանը չլսեց, իսկ տատը բարձրաձայն շարունակեց։

— Ինչ ասեմ, կարելի ա գնալ։ Թոռներիս ոչ մի անգամ չեմ տեսել, մենակ նկարներով գիտեմ։ Համա շատ եմ վախենում, շատ...

Երկու կին կանգ առան նրանց մոտ, հետո մեկն էլ մոտեցավ, մեկ ուրիշն էլ... Շուտով Մալանյա տատի շուրջ ահագին ժողովուրդ հավաքվեց, և նա նորից ու նորից էր սկսում պատմել։

— Պավելս իրա մոտ ա կանչում Մոսկվա։ Շվարել, մնացել եմ...

Երևում էր, որ բոլորն էլ նրան խորհուրդ էին տալիս գնալ։

Շուրկան, ձեռքերը գրպանները դրած, քայլում էր խրճիթում։ Դեմքի արտահայտությունը երազկոտ էր և մտախոհ՝ տատի նման։ Ընդհանրապես, նա շատ նման էր տատին․ լղարիկ, այտոսկրերը դուրս պրծած, նույնպիսի մանրիկ ու խելացի աչքերով։ Բայց բնավորությամբ ամենևին նման չէր։ Տատը եռանդուն էր, ջլուտ, ճղճղան, շատ հետաքրքրասեր։ Շուրկան էլ էր հետաքրքրասեր, բայց հիմարության աստիճան ամաչկոտ։ Համեստ ու խռովկան։


Երեկոյան Մոսկվա ուղարկվելիք հեռագիրն էին կազմում։ Շուրկան գրում էր, տատը թելադրում։

— Թանկագին որդի Պաշա, եթե որ դու ուզում ես, որ ես գամ, ինչ ասեմ, ես կարող եմ գամ, մենակ թե էս տարիքիս...

— Չեղավ,— ասաց Շուրկան։— Էսպես ո՞վ է հեռագիր տալիս։

— Քո ասելով ո՞նց են տալիս։

― Կգանք։ Վերջակետ։ Կամ էսպես՝ կգանք Նոր տարուց հետո։ Վերջակետ։ Ստորագրությունը՝ մամա։ Վերջ։

Տատը նույնիսկ նեղացավ։

― Վեցերորդ դասարան էլ հասար, չխելոքացար։ Մի քիչ խելք հավաքիր, էլի, Շուրկա։

Շուրկան նույնպես նեղացավ։

― Ոնց կուզես,— ասաց նա։— Էսպես գիտե՞ս ինչքանի կգրենք։ Հին փողով մի քսան ոուբլու։

Տատը շրթունքները հավաքեց֊ձգեց, մտածեց։

― Լավ, գրի էսպես. որդի, մի քանիսի հետ էստեղ խորհուրդ արեցի․․․

Շուրկան գրիչը ցած դրեց։

― Էսպես չի լինի։ Ում ինչ գործն է, թե էստեղ մի քանիսի հետ խորհուրդ ես արել։ Փոստում վրաներս կծիծաղեն։

― Քեզ ոնց ասում են, էնպես էլ գրի,— հրամայեց տատը։– Տղիս համար քսան ռուբլի պիտի խնայեմ, հա՞։

Շուրկան գրիչը վերցրեց և, ներողամտորեն դեմքը կնճռոտելով, գլուխը կախեց։

― Թանկագին որդի Պաշա, հարևաններիս հետ խոսեցի, բոլորն էլ ասում են, որ գամ։ Ինչ ասեմ, էս տարիքիս մի քիչ վախենալի...

― Մեկ է, փոստում կփոխեն,— ընդհատեց Շուրկան։

― Մենակ թող փորձվեն։

— Չես էլ իմանա։

― Գրիմ գրի․ ճիշտն ասեմ, մի քիչ վախենալի ա, բայց դե... լավ։ Կգանք Նոր տարուց հետո։ Վերջակետ։ Շուրկայի հետ։ Արդեն մեծացել ա։ Ոչինչ, լսող տղա...

Շուրկան բաց թողեց այդ բառերը, թե ինքը մեծացել ու լսող տղա է դարձել։

— Նրա հետ էնքան էլ վախենալի չիլնի։ Ուրեմն, որդի, ցտեսություն, ես էլ ձեզ շատ գեշ․․․

Շուրկան գրեց «ահավոր»։

— ...կարոտել եմ։ Գոնե երեխեքիդ կտեսնեմ։ Վերջակետ։ Մամա։

— Հաշվենք,— չարախնդությամբ ասաց Շուրկան և, գրչածայրը բառերի վրա տանելով, սկսեց կիսաձայն համրել.— մեկ, երկու, երեք, չորս...

Թոռան ետևը կանգնած, տատը սպասում էր։

— Հիսունութ, հիսունինը, վաթսուն։ Չէ՞։ Վաթսունը բազմապատկենք երեսունով՝ հազար ութ հարյո՞ւր։ Չէ՞։ Բաժաննենք հարյուրի՝ կստանանք տասնութ․․․ Մոտ քսան ոուբլու, մի քիչ էլ ավել,— հանդիսավոր հայտարարեց Շուրկան։

Տատն առավ հեռագիրն ու դրեց գրպանը։

― Ինքս կտանեմ փոշտ։ Հաշվապահիս տեսեք։

― Ոնց կուզես։ Նույն բանը կասեն։ Կարող է մի քանի կոպեկ սխալված լինեմ։


․․․ Ժամը տասնմեկի մոտ նրանց տուն եկավ հարևանը՝ դպրոցի տնտեսվար Եգոր Լիզունովը։ Տատն էր խնդրել նրա տնեցիներին, որ աշխատանքից հետո իր մոտ ուղարկեն։ Եգորը շատ տեղեր էր գնացել-եկել, ինքնաթիռով՝ նույնպես։

Եգորը հանեց կիսամուշտակը, գլխարկը, կոշտացած ափերով հարթեցրեց ճերմակող, քրտնած մազերը։ Նստեց սեղանի մոտ։ Սենյակը խոտի և լծասարքի հոտ բռնեց։

— Ուրեմն, ուզում եք ինքնաթիռո՞վ։

Տատն իջավ նկուղ, մի աման տնական գարեջուր հանեց։

― Հա, Եգոր։ Ամեն բան հերթով պատմի՝ որտեղ, ոնց։

― Պատմելու ինչ կա՞ որ։— Եգորը ոչ թե ագահաբար, այլ ասես նույնիսկ մի քիչ էլ ներողամտաբար էր նայում, թե տատն ինչպես է գարեջուր լցնում։— Կհասնեք քաղաք, կնստեք Բիյսկ֊Տոմսկ գնացքը, սա ձեզ կտանի Նովոսիբիրսկ, իսկ էնտեղ կհարցնեք, թե քաղաքային օդակայանի տոմսարկղն ուր է։ Կարելի է միանգամից օդակայան գնալ․․․

― Համբերի։ Մի գլուխ՝ կարելի ա, հա՛, կարելի ա։ Դու ասա, թե ոնց ա պե՛տք, ոչ թե ոնց ա կարելի։ Ու վրա մի տուր։ Ամեն բան խառնեցիր իրար։— Տատը գարեջրի գավաթը դրեց Եգորի դիմաց, խստորեն նրան նայեց։

Եգորը մատները դիպցրեց գավաթին, շոյեց։

— Հա՜, ուրեմն, կհասնեք Նովոսիբիրսկ ու տեղնուտեղը կհարցնեք, թե ոնց գնաք օդակայան։ Շուրկա, միտդ պահիր։

— Շուրկա, գրի՛,— հրամայեց տատը։

Շուրկան տետրից մաքուր թերթ պոկեց ու սկսեց գրել։

— Կհասնեք Տոլմաչևո, էնտեղ էլ կհարցնեք, թե որտեղ են ծախում Մոսկվայի տոմսերը։ Տոմսերը կառնեք, կնստեք ՏՈՒ-104 ու հինգ ժամ հետո կլինեք Մոսկվայում, մեր հայրենիքի մայրաքաղաքում։

Գլուխը հենած փոքրիկ, չորչորուկ բռունցքին, տատը դառնացած լսում էր Եգորին։ Որքան շատ էր խոսում հարևանը և որքան ավելի հեշտ էր թվում նրան այդ ուղևորությունը, այնքան մտահոգ էր դառնում պառավի դեմքը։

― Սվերդլովսկում, որ ճիշտն ասեմ, կիջնեք․․․

― Ինչի՞։

― Պետք է։ Էնտեղ ինձ ու քեզ հարցնող չկա։ Կիջեցնեն ու վերջ։― Եգորը վճռեց, որ հիմա կարելի է և խմել։— Դե՞․․․ Ճամփեքդ բարի։

― Խմի, էդ Սվերդլովսկում ինքներս պիտի խնդրե՞նք, որ իջացնեն, թե բոլորին կիջացնեն։

Եգորը խմեց, հաճույքով ճպացրեց, բեղերն ուղղեց։

― Բոլորին։ Լավ գարեջուր ունես, Մալանյա Վասիլևնա։ Էս ո՞նց սարքում։ Կնկաս էլ սովորեցնեիր։

Տատը մի գավաթ էլ լցրեց։

― Ժլատություն թե, չանեք, ձերն էլ լավը կլինի։

― Էդ ո՞նց,― չհասկացավ Եգորը։

― Շաքարը շատ արեք։ Թե չէ ձեր ուզածն էն չի՞, որ համ էժան լինի, համ էլ թունդ։ Մերանի շաքարը որ շատ անեք, գարեջուրն էլ լավ կըլնի։ Էլ չեմ ասում, որ թութունով թրմելն արդեն շատ ամոթ բան ա։

― Հա,— մտազբաղ ասաց Եգորը, բարձրացրեց գավաթը, նայեց տատին, Շուրկային, խմեց։― Հա-ա՜,— ասաց մի անգամ էլ։— Իհարկե, ինչ ճիշտն է, ճիշտը։ Բայց Նովոսիբիրսկ որ հասաք, տեսեք, չսխալվեք։

― Ի՞նչը չսխալվենք։

– Էնպես... Ամեն ինչ կպատահի։— Եգորը հանեց թութունի քսակը, վառեց ծխախոտը, բեղի տակից ծխի մի վիթխարի, ճերմակ ամպ թողեց։— Կարևորն, ինչ ասեմ, Տոլմաչևո որ հասաք, տոմսարկղները չշփոթեք։ Թե չէ մեկ էլ տեսար, թռաք Վլադիվոստոկ։

Տատն անհանգստացավ ու երրորդ անդամ լցրեց Եգորի զավաթը։ Եգորն անմիջապես խմեց, ճպացրեց ու զարգացրեց իր միտքը.

— Պատահում է, որ մարդու մեկը մոտենում է արևելյան տոմսարկղին ու ասում․ «Ինձ մի տոմս տվեք»։ Բայց թե որտեղի՛ տոմս, չի ասում։ Էդպես էլ խեղճ մարդը թռչում, լրիվ ուրիշ կողմ է գնում։ Էնպես որ, տեսեք։

Տատը չորրորդ անգամ լցրեց գավաթը։ Եգորը լրիվ թուլացավ։ Խոսում էր հաճույքով։

— Ինքնաթիռով թռչելու համար ջղեր են պետք, ու էլի ջղեր։ Ասենք, ինքնաթիռը բարձրանում է, քեզ իսկույն կոնֆետ են տալիս...

— Կոնֆե՞տ։

— Բա ո՜նց։ Իբր, զբաղվիր, ուշք մի դարձնի․․․ Բայց որ ճիշտն ասելու լինենք, ամենավտանգավոր տեղը դա է։ Կամ էլ, օրինակ, քեզ ասում են. «Գոտիներով կապվիր»։— «Ինչի՞ համար»։— «Կարգն է էդպես»։— «Հէ՛․․․ կարգը։ Ճիշտն ասա՝ կարող է պատահի, շուռ գանք, ու վերջ։ Թե չէ՝ կարգը»։

— Տե՜ր աստված, տե՜ր աստված,― ասաց տատը։— Էլ ինչի՞ են դրանով թռնում, որ էդպես ա․․․

― Է՜, միսն առանց ոսկոր չի լինում։– Եգորը նայեց գարեջրի ամանին։— Ընդհանրապես, ռեակտիվներն ավելի պինդ են։ Իսկ պրոպելերովները կարող են ուզածդ րոպեին փչանալ, ու՝ խնդրեմ... Է՛լ որն ասեմ՝ էդ մոտորները շուտ-շուտ են վառվում։ Մի անգամ Վլադիվոստոկից գալիս եմ, քեֆս էլ մի քիչ լավ...— Եգորն ավելի հարմար նստեց աթոռին, նոր ծխախոտ վառեց, մի անգամ էլ նայեց ամանին։ Տատը տեղից չշարժվեց։— Ուրեմն էսպեսք գալիս ենք, լուսամուտից նայեմ դուրս՝ վառվում է...

— Սո՜ւրբ աստված, սո՜ւրբ աստված,― ասաց տատը։

Շուրկան նույնիսկ բերանը բաց արեց՝ լսում էր։

— Հա։ Է՛, ես, իհարկե, բղավեցի։ Օդաչուն վազելով եկավ... Է, ինչ ասեմ, ոչինչ մի լավ ուշունցի կապեց։ Ի՜նչ ես հարայ֊հրոցդ դրել, ասում է։ Վառվում է, թող վառվի, քո բանը չի, դու նստիր... Դրանց ավիացիայի կարգն է էդպես։

Այս մեկը Շուրկային ճշմարտանման չթվաց։ Նա սպասում էր, որ օդաչուն կրակը տեսնելուն պես, կփորձի հանգցնել արագությամբ կամ հարկադրված վայրէջք կկատարի, այնինչ հայհոյել է Եգորին։ Տարօրինակ է։

— Մի բան չեմ հասկանում,— շարունակեց Եգորը, դիմելով Շուրկային,— ուղևորներին ինչի՞ չեն պարաշյուտ տալիս։

Շուրկան ուսերը թոթվեց։ Նա չգիտեր, որ ուղևորներին պարաշյուտ չեն տալիս։ Եթե այդպես է, իհարկե, տարօրինակ է։

Եգորը ծխախոտը խրեց ծաղկամանի մեջ, վեր կացավ, ինքն իր գավաթը լցրեց ամանից։

— Ի՛նչ գարեջուր ունես, է՜, Մալանյա։

— Շատ մի տաքանա՝ կհարբես։

— Գարեջուր հո չի...— Եգորը գլուխը տմբացրեց ու խմեց։ – Օ՜ֆֆ։ Բայց ռեակտիվներն էլ են վտանգավոր։ Սրանց մի բանը որ փչացավ, քարի պես ցած կընկնեն։ Էլ պրծա՜ր․․․ Ոսկորներդ էլ չի լինի հավաքել։ Մարդուց մի երեք հարյուր գրամ բան մնաց֊չմնաց։ Շորերն էլ հետը։― Եգորը խոժոռվեց և ուշադիր նայեց ամանին։ Տատն ամանն առավ ու տարավ հաշտ։ Եգորը մի քիչ էլ նստեց, ապա վեր կացավ։ Թեթևակի ճոճվում էր։

— Բայց դե չվախենաք,— բարձրաձայն ասաց նա։— Մենակ թե, ինչքան կարող եք, քթից հեռու նստեք, պոչի մոտ, ու թռչեք։ Է՜, գնացի...

Ծանրաքայլ մոտեցավ դռանը, կիսամուշտակը հագավ, գլխարկը դրեց։

— Բարևներս կտանեք Պավել Սերգեևիչին։ Ի՜նչ գարեջուր ունես է՜, Մալանյա։ Ոնց որ․․․

Տատը դժգոհ էր, որ Եգորն այդպես շուտ գինովցավ՝ մի կարգին չխոսեցին։

— Աչքիս մի տեսակ թուլացել ես, Եգոր։

― Հոգնել եմ, դրանից է։— Կիսամուշտակի օձիքի վրա ծղոտ կար՝ վերցրեց։— Մեր էս խելոքներին ասում էի. եկեք, խոտն ամառը տեղափոխենք՝ չէ՛։ Հիմա էլ, էս բքից հետո, բոլոր ճամփեքը փակվել, էսօր ամբողջ օրը հոգիներս դուրս եկավ, հազիվ հասանք ամենամոտ դեզերին։ Գարեջուրդ էլ հո գարեջուր չի․․․— Եգորը գլուխն օրորեց, ծիծաղեց։– Է, գնացի։ Բան չկա, մի վախեք, թռեք գնացեք։ Մենակ թե պոչի կողմը նստեք։ Հաջողություն։

― Ցտեսություն,— ասաց Շուրկան։

Եգորը դուրս եկավ։ Լսվեց, թե ինչպես զգուշորեն իջավ բարձր առմուտքից, բակով գնաց, դռնակը ճռռացնելով փողոց ելավ ու ցածրաձայն երգեց.

Ծովն է ծփում հեռու֊հեռու․․․

Եվ լռեց։

Տատը՝ մտազբաղ ու դառնացած, դուրս էր նայում մութ լուսամուտից։ Շուրկան իր գրածն էր կարդում՝ Եգորի ասածները։

― Շուրկա, սիրտս ահ ընկավ,— ասաց տատը։

― Ուրիշները ո՞նց են թռչում․․․

― Գնացքով ավելի լավ չի՞։

― Գնացքով որ գնացինք, իմ արձակուրդը լրիվ ճանապարհի վրա կկորցնենք։

― Տեր աստված, տեր աստված,— հոգոց հանեց տատը։– Արի Պավելին նամակ գրենք։ Հեռագիրն էլ հեչ անենք։

Շուրկան մի թերթ ևս պոկեց տետրից։

― Ուրեմն, չե՞նք թռչելու։

― Ո՞ւր թռնենք՝ մարդու զարզանդ ա գալիս, էն աստված։ Հետո էլ երեք հարյուր գրամ կհավաքեն․․․

Շուրկան մտքերի մեջ ընկավ։

― Գրի․ թանկագին որդի Պաշա, իմացող մարդկանց հետ էստեղ խորհուրդ արեցի․․․

Շուրկան գլուխը կախեց։

― Պատմեցին, թե ոնց են թռնում էդ ինքնաթիռներով․․․ Ու Շուրկայի հետ որոշեցինք, որ ամառը գնացքով կգանք։ Ճիշտն ասած, հիմի էլ կլիներ, բայց դե Շուրկայի արձակուրդը շատ ա կարճ․․․

Շուրկան մեկ֊երկու վայրկյան հապաղեց ու շարունակեց գրել.

«Իսկ հիմա, քեռի Պաշա, ես եմ գրում, իմ կողմից։ Տատին վախեցրեց Եգոր Լիզունովը, մեր տնտեսվարը, թե որ հիշում եք։ Նա, օրինակ, այսպիսի մի փաստ բերեց, իբր, լուսամուտից նայել է դուրս ու տեսել, որ մոտորը վառվում է։ Եթե այդպես լիներ, օդաչուն կսկսեր կրակն արագությամբ հանգցնել, ինչպես սովորաբար անում են։ Ես կարծում եմ, որ նա տեսել է արտամղող խողովակի բոցն ու խուճապ բարձրացրել։ Խնդրում եմ, տատին գրեք, որ դա սարսափելի չէ, բայց իմ մասին, որ ես եմ ձեզ գրել, բան չասեք։ Թե չէ ամռանն էլ չի գա։ Կսկսի հողամասով զբաղվել, իր խոզերով, հավերով ու բադերով, սպանես՝ տեղ կի գնա։ Չէ որ մենք դեռ գյուղացի ենք։ Իսկ ես շատ֊շատ եմ ուզում Մոսկվան տեսնել։ Պատմությունից և աշխարհագրությունից դպրոցում անցնում ենք, բայց դա, ինքներդ գիտեք, այն չէ։ Քեռի Եգորը նաև ասաց, որ, օրինակ, ուղևորներին պարաշյուտ չեն տալիս։ Սա արդեն շանտաժ է։ Բայց տատը հավատում է։ Քեռի Պաշա, խնդրում եմ, ասեք, որ ամոթ է։ Նա ձեզ շատ է սիրում։ Ուրեմն ասեք նրան, սա ի՜նչ բան է, մամա, տղադ՝ օդաչու, Սովետական Միության հերոս, լիքը շքանշաններ ունի, իսկ դու վախենում ես թռչել մի սովորական քաղաքացիական ինքնաթիռով։ Եվ դեռ այն դեպքում, երբ մենք արդեն հաղթահարել ենք ձայնային պատնեշը։ Այդպես որ գրեք, անմիջապես կթռչի։ Չէ որ նա շատ է հպարտանում ձեզանով։ Իհարկե, տեղին է հպարտանում։ Ես անձամբ նույնպես հպարտանում եմ։ Բայց և շատ֊շատ եմ ուզում Մոսկվան տեսնել։ Դե, առայժմ, ցտեսություն։ Ողջույններով՝ Ալեքսանդր»։

Մինչդեռ տատը թելադրում էր․

․․․ Աշնան գլուխ կգանք։ Սունկն էլ արդեն կլինի, մսից բանից էլ աղ դրած կլինենք, մուրաբա էլ եփած կլինենք։ Մոսկվայում ամեն բան խանութից եք առնում, չէ՞։ Մեկ էլ՝ նրանք էնպես կսարքե՞ն, ոնց որ ես, մեր տնական ձևով։ Էսպես բաներ, որդի։ Բարևիր կնոջդ ու էրեխեքին իմ ու Շուրկայի կողմից։ Վերջ։ Գրեցի՞ր։

― Գրեցի։

Տատը վերցրեց թուղթը, ծալեց, ծրարը դրեց ու հասցեն ինքը գրեց։

«Մոսկվա, Լենինսկի պողոտա, տ․ 78, բն․ 156
Սովետական Միության հերոս Պավել Իգնատևիչ Լյուբավինին։
Սիբիրից, իր մորից»։

Հասցեն միշտ ինքն էր գրում, գիտեր, որ այդպես հաստատ հասնի։

― Էսպես։ Շուրկա, քիթդ մի կախի։ Ամառը կգնանք։

— Չեմ կախում։ Բայց դու կամաց֊կամաց պատրաստվիր, մեկ էլ տեսար, մտքիդ դրեցիր թռչել։

Տատը նայեց թոռանն ու ոչինչ չասաց։

Գիշերը Շուրկան լսում էր, թե նա ինչպես է շուռումուռ գալիս վառարանի վրա, կամացուկ հոգոց հանում ու ինչ֊որ բան շշնջում։

Շուրկան նույնպես քնած չէր։ Մտածում էր։ Արտասովոր շատ բան էր խոստանում կյանքը մոտ ապագայում։ Նման բան նույնիսկ չէր էլ երազել երբեք։

— Շո՛ւրկ,— ձայն տվեց տատը։

― Հը՞։

― Պավելին, ով գիտի, Կրեմլ են թողնում, չէ՞։

― Երևի։ Ինչի՞ որ։

— Գոնե մի անգամ մարդ գնար... տեսներ։

— Հիմա այնտեղ բոլորին էլ թողնում են։

Տատը որոշ ժամանակ լուռ էր․

— Չէ հա՛, ում ասես՝ թողին,― կասկածելով ասաց տատը։

― Նիկոլայ Վասիլևիչն է մեզ պատմել։

Մի րոպեի չափ էլ լուռ մնացին։

— Դու էլ ես հետաքրքիր, հա՜, տատ, տեղը որ եկավ՝ չես վախենա, իսկ հիմա՞ ինչից վախեցար,— դժգոհ ասաց Շուրկան։— Ինչի՞ց վախեցար։

— Քնի, քնի,— հրամայեց տատը։— Քաջիս տեսեք։ Առաջինն ինքդ շալվարդ կլցնես։

— Գրազ գա՞նք, որ չեմ վախենա։

— Քնի, քնի։ Թե չէ էգուց էլի դասից կուշանաս։

Շուրկան սսկվեց։