Երկրի ոստայնը

Գրապահարան-ից
Երկրի ոստայնը

հեղինակ՝ Թոմաս Վուլֆ
թարգմանիչ՝ Ալվարդ Ջիվանյան (անգլերենից)
աղբյուր՝ «Հինգ վիպակ»

✻    ✻



Էդ տարի ծառի եղած֊չեղածը մորեխը տարավ, էդ տարի ես ձայներ լսեցի... վաղուց էր դա, որդիս... այգին մորեխատար եղավ... է, ինչքան ջուր է հոսել դրանից հետո...

— Ի՞նչ ձայներ։

— Զույգ֊զույգ,— ասում էր մեկը,— քսան֊քսան՝ կանչում էր մյուսը։

— Չե՞ս լսում,— գոռացի հորդ,— բան է ասում։

Ու նորից՝ զույգ֊զույգ... քսան֊քսան։

— Մարդ աստծո, չե՞ս լսում։

— Բան էլ չկա,— ասում է,— ինչ ես դուրս տալիս։

— Ախր էդ ո՞նց չկա... ու էլի՝ «զույգ֊զույգ... քսան֊քսան»... հիմա հո լսում ես։

— Զահլես տարար, կնիկ,— քնով ես ընկել ու երազի մեջ ես։

— Երազ֊մերազ չգիտեմ. հրես, էլի են կանչում։

— Ես հո գիտեի, որ կանչում են, ախր պարզ լսում էի։

Իսկ հերդ, թե՝ «պատճառավոր ես, դրանից կլինի, կամ էլ հոգնած ես, ու ականջիդ ձայներ են հասնում»։ Հետո զանգերը տվեցին, հերդ վեր կացավ, որ գնա։

— Մի գնա,— ասում եմ,— ի՞նչ կլինի, որ չգնաս,— ոնց որ սիրտս վկայեր, չէի ուզում մենակ մնայի։

— Զույգ֊զույգ,— կանչում էր առաջին ձայնը,— քսան֊քսան,— ձայն էր տալիս էն մյուսը։ Աստված ջան, ես գիտեի, գիտեի, որ մի բան լինելու է։ Համ տարին եմ հիշում, համ ժամանակը, հլա օրն էլ վրայից։ Էդ տարի մորեխը վրա տվեց, ու ծառերը մերկ մնացին...

Հա ուրեմն, Բեն... Ստիվ... Լյուկ, ուֆ, ասում եմ Լյուկ, Ջին (Լյուկը հաստատ անունս տվեց)... Ի՞նչ էի ասում...

— Ձայները։

— Հա, ասածիդ պես... Էդ ի՞նչ էր։

— Նավեր են, մամ, նավահանգստին մոտիկ ենք։

— Հա՞, նավե՞րն են, ճիշտ որ, էս կողմն է նավահանգիստը։

— Չէ, մամ, ուղիղ հակառակ կողմը, մեջքով ես կանգնել, այ էնտեղ։

— Վայ թե սխալ ես ասում, որդիս, հաստատ... չե՞ս խաբում, վույ, ճիշտ որ, գլխիս խելք չի մնացել։ Գյուղ տեղը կյանքում չես կորչի, էնքան որ մի նշան ունենամ, հա, տղաս, ճիշտ եմ ասում... Էլի նավ է, ոնց որ պառավ կով լինի։ Դու էլ հենց էստե՞ղ պիտի ապրեիր։ Ոնց էլ գտել ես։ Ականջ արա։ Մեծ նավ է, ճամփա է ընկնում։ Աստված, հորդ կտորն ես. տեղ լինի՝ քոչեք գնաք։ Ես որ չլինեի, աշխարհիս երեսին հայրդ մի անտուն թափառական էր լինելու... Սիրտս ցավում է, որ հիշում եմ՝ դու հեռու, օտար տեղ, օտար մարդկանց մեջ։ Պապերիդ երկիրը դարձիր, տղաս, մարդ ամբողջ կյանքում չի կարող թափառական մնալ, տուն դարձիր, տղաս։

Էդ գիշեր ձայներ լսեցի. մեկը կանչում էր... լսո՞ւմ ես, էլի նավեր են։ Որ ինձ մնա, տղաս, հենց էդ նավով ճամփա կընկնեմ, կգնամ, ամեն բանը տեղը֊տեղին կտեսնեմ։ Անգլիա կգնամ— քո պապոնք էնտեղից են, հետո՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա էլ, բա։ Մտքիս միշտ եղել է Շվեյցարիա գնալ, պիտի որ սիրուն տեղ լինի, ո՞նց են ասում... հա, բնության հրաշք... Վույ, հիմի պարզ լսում եմ. էս կողմն են նավերը։ Բա կամուրջն ո՞ւր է, գիշերը կամրջով անցանք ախր։

— Այստեղ է, փողոցի ծայրին, թե՞ չես հիշում ճանապարհը։

— Չե՞մ հիշում, ինձ հարցնում է՝ չե՞մ հիշում։ Որդիս, իմ հիշածները քո գրքերի մեջ էլ չկան։ Էդ ո՞վ պիտի գրեր։ Բան չեմ ասում, փորձել են գրել, պատմել եղած֊չեղած պատերազմներից ու կռիվներից, բայց, սուրբ Աստվածածին, իրենք ինչ գիտեն, թե ոնց է եղել, ախր չկային, որ տեսնեին։ Գրում են, կարծես վաղուց է եղել, հեռու֊հեռու աշխարհներում, բայց ի՞նչ իմանան, որ էդ ժամանակ քամի էր փչում, արևի փայլ կար, որ ծխի հոտը բռնել էր բակը, մայրս երգում էր, որ սագի ճերմակ փետուրներ կային, որ այդ գարնանը անձրև էր եկել, ու գետն ուռչում էր։ Իսկ ես հիշում եմ, որ բան էինք խոսում, և որ էդ օրը գետի ափերով մարդիկ տուն դարձան՝ կռվից էին գալիս, ես մեռելների ձայներն եմ հիշում, ու ելումուտը արևի լույսի ու տխրությունն իմ, հիշում եմ՝ ինչպես մարդիկ քայլում էին, իսկ կանայք՝ լալիս Փեթոնի բակում... մարդկանց ոտքերից փոշի բարձրացավ, ու մենք իմացանք, որ կռիվ չկա...

Սուրբ Աստվածածին, հիշո՞ւմ եմ արդյոք... իմ հիշածները սրանք են, որդիս, էսպես է եղել... Երկու տարեկանիցս հիշում եմ արդեն, շա՜տ քիչ բան կա, որ մոռացել եմ...

Մի օր Բոբ Փեթոնն ու քո քեռի Ջորջը թևիցս բռնեցին ու տարան հետները, իրենց արևին Վիլի և Լյուսինդի Փեթոններին էին քանդակել հոտած, սև ցեխից. փափուկ, ճկուն ցեխ էր, բռիդ մեջ կարող էիր ձև տալ։ Մենակ տեսնեիր, ոնց էի ծղրտում, ախր ճանաչում էի էդ սևերին. Վիլին ու Լյուսինդին կապիտան Փեթոնի ստրուկներն էին՝ Աֆրիկայում ծնված ամենասև նեգրերը։ Հայրս ասում էր. «Ածուխը դրանց երեսին սպիտակ հետք կթողնի», ատամներն էլ, ժպտալիս, պսպղում էին։ Բա էդ ահավոր հոտը, ծանոթ սև նեգրահոտը, որ ոչ մի ջրով չի լվացվում։ Խեղճ մայրս չէր դիմանում, սիրտը խառնում էր։ Նեգրերը սենյակով անցնում, գնում էին, իսկ հոտը մնում էր։

Էս երկու սատանի ճտերը, ուրեմն, նեգրերին արձան էին կանգնեցրել, ատամների տեղակ խճաքարեր շարել ու ինձ պես մի մատ երեխին էլ բացատրում էին.— Ուշքդ վրադ պահիր, աղջի, սրանք քեզ մի օր ուտելու են.— ոնց էի լալիս, էսօրվա պես միտքս է։ Մի օր էլ երկուսով Վիլ ապորս տարան հնդկացոց բլուրը, ասում էին՝ բլրին հնդկացիներ կային թաղված, բլրից նավթի պես սև ջուրը իջնում՝ առուն էր լցվում, հերս ասում էր՝ էդ տեղերում նավթ պիտի լիներ, որոշել էին հոր փորել, որ նավթը հանեն ու հարստանան։ Վիլն էդ ժամանակ երկուսուկես տարեկան էր, ու քո քեռի Ջորջը նրան ասել էր, թե սև ջուրը հնդկացիների դիակներից են քամում։ Ոնց էր լալիս Վիլը։ Մեջտեղից ճղվում էր։ Մայրս էլ քեռուդ ասաց. «Վիզդ կպոկեմ, մեկ էլ երեխին էդպես լեղաճաք ես արել»։

Է՜հ, ո՛ր մեկը հիշեմ։ Ձմռանը բլրի կողմից եղջերու եկավ գյուղ, ցատկոտելով իջավ ու մի քանի քայլ հեռու կանգնած՝ նայեց վրաս։ Ես էլ հենց դրա եջյուրները տեսա՝ սկսեցի լաց լինել. ախր օրումս էդ տեսակ կենդանի չէի տեսել։ Նա հետո իր անտառը գնաց, տեսածս տանը պատմեցի, ու մայրս ասաց՝ եղնիկ տեսած կլինես, որսորդներից փախել՝ եկել է մոտդ։

Գարնանը չորս տարիս լրացավ, էդ տարի մեր կողմերում յանկիներ լույս ընկան, երկուսին էս աչքերովս եմ տեսել. թոկից փախած բաներ էին, գողացած ձիերով էնպես արանքը ճղեցին, ոնց որ սատանեքն ընկել էին ետևներից։ Կռացած, քրջոտ֊մրջոտ մարդիկ էին, ձիերը խելագարի պես մտրակելով՝ էնպես էին առաջ սուրում, որ վզերի պտավոր թաշկինակները, ոնց որ հենց նոր օսլայած ու արդուկած, շփշփացնում էին ուսերին։ Մարդիկ գոռգոռում էին, բղավում։ Կանայք ամուսիններին էին թաքցնում, մայրս, տրորվելով, Աստված էր կանչում ու ասում՝ էս է, գալիս են։ Էդի Փեթոնը, որ էն ժամանակ դեռ երեխա էր, սարսափած մագլցում էր բլուրն ու ճչում.— Գալի՜ս են, գալի՛ս, պապս էնտեղ մենակ է, գալիս են պապիս սպանեն։ Ինչ իմանայինք, թե էդ շրջմոլիկները մենակ էին, մեզ թվում էր Շերմանի զորագնդերից մեկը ետևները գցած գալիս են, բայց՝ չէ, մենակ էին, մնացածները մի շաբաթից հազիվ տեղ հասան։ Մերոնք սկսեցին կրակել, բայց սրանք, որ տեսան մենակ են ու առանց զորքի, ձիերից թռան ու իրենց մոտիկ սարը գցեցին։ Կռվից հետո Բեդֆորդից մարդիկ եկան ձիերը ետ ուզելու, գտան իրենց ապրանքն ու ասացին, որ էն երկուսն են գողացել։ Էդ մարդկանցից իմացանք, որ Սեվիեի մյուս ափին Ամանդա Ստիվենսը կամուրջը կրակի էր տվել ու Թեննեսիից եկող զինվորներին մի շաբաթ էնտեղ կանգնեցրել, ինքն էլ մի լավ ծիծաղել էր վրաները։ Ասել էր... սուրբ Աստվածածին. ես միշտ էլ էն կարծիքին եմ եղել, որ Ամանդան դժվար թե էդ տեսակ բան ասած լինի, չնայած շատ մեծ բերան էր. տակից֊վրայից դուրս էր տալիս, հա ուրեմն, սրանց ասելով զինվորները մնացել էին էն ափին, իսկ Ամանդան, թե. «Տնաշեններ, էս բարակ առուն անցնելու համար կամուրջն ի՞նչ եք անում, էդ ի՞նչ անպետք տղամարդ եք, մեր կողմերում տղամարդիկ էդ տեսակ գետերը ք...ով են անցնում»,— ասել էր, ու զինվորներն էլ ծիծաղել էին։

Էդ տարին չէ՞ր, որ յանկիները մտան քաղաք ու Մեքրի բիձային բռնեցին, ուզում էին գլխին խաղ խաղալ։ Մեքրի բիձան խոշոր, հաստկեկ մարդ էր. երեսը դեղին, մազը՝ կռինջ։ Ասում էին սևի արյուն կար մեջը, ինքն էլ էր ասում։ Յանկիների մեծին էլ բացատրեց, որ իրեն հանգիստ թողնեն։

— Թե ապացուցես, որ նեգր ես՝ բաց կթողնենք,— խոստացան։ Մեքրին թե՝ կապացուցեմ։— Էդ ո՞նց,— զարմացան յանկիները։ Իսկ նրանց կապիտանն ասաց.— Ես գիտեմ, թե ոնց։ Ջիմ, սրան փողոցով մի լավ վազեցրու։

Էդ խարկող արևին Մեքրին ու զինվորը սկսեցին վազել։ Երբ ետ եկան, Մեքրին քրտնքի մեջ լողում էր։ Ասում են, յանկին մոտեցել, մի լավ հոտ էր քաշել վրայից ու ծիծաղել էր.— Արևս վկա, տղերք, նեգր է, թողեք գնա։

Հիշում եմ, տղամարդիկ գետի ափով քաղաք էին իջնում՝ զորացրվելու, իսկ մենք հավաքվել էինք քեռի Ջոնի բակում, որ նայենք նրանց. հայրս էր էնտեղ, մայրս՝ երեխեքի հետ, Փեթոններն ու Փենթլանդները ամբողջ գերդաստանով, մեկ էլ Ջոն Փեթոնի նեգրերը՝ Վիլին ու Լյուսինդին։

Քո ապուպապն էլ էր էնտեղ, տղաս, պառավ Բիլ Փենթլանդը։ Մարդիկ նրան վարպետ Բիլ էին ասում. գիտե՞ս թաղիքից ինչ գլխարկներ էր սարքում. բուրդը մոխրաջրով նրա պես ոչ ոք չէր կարողանում մշակել։ Հիմի էդ տեսակ գլխարկներ էլ չկան։ Էսօրվա պես միտքս է. տարիքն առած մի ֆերմեր գլխարկը մեր տուն էր բերել, որ Սեմը կարկատի, ու ասում էր. «Սեմ, էս գլխարկը պառավ Բիլ Փենթլանդն է կարել ինձ համար, է՜հ, քսան տարի առաջ ու հլա նոփ֊նոր է, մենակ մի քիչ վրա գցել է պետք ու մաքրել»։

Ու որ շիտակ խոսենք, իմ պապ Բիլ Փենթլանդը բոլորի կարծիքով էլ գլխով մարդ էր։ Իմացած լինես, տղաս, որ քո շնորհքը պապիդ կողմից է գալիս։ Նա որ կրթություն ունենար, շատ առաջ կգնար։ Կյանքում մի տող չէր կարդացել, բայց ամեն ինչից խելքը հասնում էր։ Կաղնու պես մարդ էր, մեռնելուց առաջ լուր է ուղարկում Սեմին, թե՝ արի ինձ տես։ Սեմը գալիս է ու տեսնում, որ հայրը կրակ է արել ու սաղմոս է կարդում, ինքն էլ ողջ ու առողջ, հետո դառնում է Սեմին, թե՝ «լավ արիր եկար, քեզ բան ունեմ ասելու։ Պառկիր էստեղ՝ կարգին խոսենք»։

Սեմին էլ էդ էր պետք, աշխարհիս երեսին նրանից թամբալ մարդ չկար, որ տեղից չհանեիր, օրերով կպառկեր ու լեզվին կտար։

— Պառկեմ, հայրիկ,— ասում է,— հո վատ չե՞ս։

— Չէ,— ասում է Բիլը,— էսպես լավ հեչ չեմ զգացել, բայց շուտով գնալու եմ, որոշել եմ, որ ժամանակն է, ուզում եմ տունս կարգի գցել՝ հետո գնամ։

— Էդ ի՞նչ ես խոսում, հայրիկ,— ասում է Սեմը,— քեզ բան էլ չկա։

— Հա, ինձ բան չկա հիմա, բայց մինչև դու տեղ հասնեիր՝ տարին կանցներ, չէ։ Սեմ, մտքիս դրել եմ գնամ, էս աշխարհում էլ անելիք չունեմ ու ուզում եմ ճամփա ընկնեմ։

— Ոնց թե ուզում ես,— վրա է տալիս Սեմը,— ի՞նչ ես ուզում։

— Ուզում եմ մեռնել, Սեմ։

— Այ հայրիկ, էդ ի՞նչ ես խոսում, ինչի՞ պիտի մեռնես։

— Էհ,— ասում է Բիլը,— մտքիս կա վաղն էս ժամանակ մեռնեմ, ուզում եմ երեկոյան վեցի կողմերը գնամ, դրա համար էլ ետևիցդ մարդ ուղարկեցի, որ կանչեն։

Հետո հայր ու որդի մի մեծ կրակ են անում ու գիշերն անքուն զրուցում։ Ողջ գիշերը քամին ոռնում, կլանչում է, ու սրանք ողջ գիշեր զրույց են անում։ Լուսադեմին կերակուր են սարքում, հետո պառկում ու խոսում են իրար հետ, ճաշը վրա են դնում ու վերսկսում զրույցը, հայրը՝ առողջ, ուժեղ, աշխարհի հետ հաշտ, անդարդ ու անցավ։

Վեցը խփելուն պես, լսում ես, ուղիղ վեցին, շուռ է գալիս, թե՝ պինդ կաց, Սեմ, վեցն անց տասին նորից է դառնում, թե՝ մնաս բարով, որդիս, ժամս եկել է, գնում եմ, ու մեռնում է՝ երեսը պատին արած։ Էս տեսակ կամքի տեր մարդ էր իմ պապը, ու, որ ճիշտն ասեմ՝ մերոնց բոլորի մեջ էլ էդ բանը կա. որ ժամը գալիս է՝ զգում են։ Հերս էլ էդպես գնաց, էդ օրը գնում֊գալիս հարցնում էր ինձ ու եղբորս. «Ժամի վեցը կա՞»։— Չէ,— ասում էի,— հայրիկ, դեռ կեսօր է, ու ինքս ինձ մտածում էի, թե ժամի վեցն ինչ է անում։ Վեցը խփելուն պես հանգավ, ես կամաց ասացի եղբորս՝ վեցն է։ Նա էլ հասկացավ ու գլխով արեց։

Ինչ էի ասո՞ւմ, հա, էդպես խմբով կանգնել էինք բակում, պապս էլ ողջ ու առողջ մեզ հետ, ու նայում էինք անցնող֊դարձող զինվորներին։ Պապս երկու անգամ ամուսնացած մարդ էր, մի տուն էլ երեխեք ուներ. ութը Մարթա Փեթոնից (հայրս էլ սրանց մեջ), տասնչորսն էլ երկրորդ կնոջից, հա, մի երեխա էլ էն կնկանից ուներ Հարավային Կարոլինայում, ճիշտ է, օրենքով պսակված չէին, բայց պապս երեխային բերել էր տուն, նստեցրել մյուսների կողքին ու ասել. «Էսօրվանից սա ձեր քույրն է», ու պապիս ասածն օրենք էր։ Որ մեռածներին ու կռվի տարին զոհվածներին չհաշվենք, հիմա նրա երեխեքն ամենքը իր մեծ ընտանիքն ունի ու հարյուրներով ապրում են լեռների վրա՝ Կատավաբայում, Տեխասում, արևմուտքում՝ Կալիֆոռնիայի ու Օրեգոնի կողմերը, ոստայնի պես տարածվել են, բայց բոլորն էլ մի հատիկ պապիցս են եղել։ Նա մենակ էր սկսել ամեն ինչ։ Հայրը անգլիացի էր ու հեղափոխության ժամանակ Յենսիում պղնձի հանք էր փորում։ Ասում էին՝ Անգլիայում նա մեծ կալվածքներ է թողել մեզ։ Հիշում եմ. պապիս մեռնելու ժամանակ հորեղբայր Բոբը եկավ հորս մոտ, ասաց՝ մի բան անենք, բայց բան էլ չարեցին, ծախսերի հետ էր կապված։ Պատերազմի վերջանալուն պապս դեռ կար։

Զորքը ցրվում էր, կանայք լալիս էին, զինվորներն ուրախանում ու հենց մի բան էին ասում, կանայք վերսկսում էին լացը։ Բոբն էլ էդ ժամանակ զորացրվեց. տասնվեց տարեկան տղա էր, բայց ինձ հասակն առած տղամարդ էր թվում՝ գլխին մետաքսե բարձ գդակ (տեսնես ո՞ր խանութից էր թռցրել), ոտքերն էլ բոբիկ ու էդպես ոտաբոբիկ ու գդակավոր գալիս էր. մենք էլ լաց էինք լինում։

— Պահ, պահ,— ասաց,— էս ի՜նչ լավ ընդունելություն են սարքել։— Խեղճն ուզում էր կատակի տալ ու մեզ ուրախացնել։— Ես էլ կարծում եմ ինձ տեսնեք, կուրախանաք, իսկ դուք լալիս եք։ Որ էդպես է, ես գնացի։

— Ախ, Բոբ, զավակս,— ասաց մայրը,— դու կոշիկ չունե՞ս, խեղճ երեխաս։

— Չէ,— ասում է,— չունեմ, ճամփին մաշվեցին, էնքան էի շտապում՝ պլոկվեցին, հագիցս դուրս եկան։ Բայց որ իմանայի էսպես եք անելու՝ ինձ համար դանդաղ կգայի։

Ոնց էինք ծիծաղում։

Իսկ կանայք, տղաս, ուրիշ բանի համար էին լալիս։ Էնքան մարդ էր գնացել ու ետ չէր գալու, բոլորս էլ գիտեինք էդ մասին, բոլորս...

Վերջում ցրվեցինք տուն, ու յոթ օր կերուխում էր։ Մենք չունևոր էինք, տղաս, բայց էդ շաբաթ կուշտուկուռ կերանք, ոչ թե օյինբազ բաներ, որ հիմիկվաններն առաջդ են դնում, այլ տեղը տեղին. մի քսան հատ մենակ ճուտ էինք տապակել, խոզի միս խաշել ու ապխտել, կարտոլ էինք դրել ու սիմինդր, լոբի ու գոգերով ճերմակ հաց, տաք֊տաք գաթեք, դեղձով, խնձորով բլիթներ, հազար տեսակ ջեմ ու կարկանդակ, վրայից էլ սիդր՝ ինչքան փորներումս տեղ կաներ։ Մենակ տեսնեիր, թե ոնց էին ուտում Բոբը, Ռուֆուս Ալեքսանդրն ու Ֆեյթ Փեթոնը. խեղճ մերս ասում էր. «Վայ թե մեկ էլ կռվից առաջ եմ կուշտ փորով հաց կերել»,— բայց որ ճիշտն ասեմ՝ ինքն էլ էր նրանց օրին։ Ես հինգ տարեկան աղջիկ էի էդ ժամանակ, ինչ եղել֊չի եղել հիշում եմ, դրանից առաջ եղածն էլ եմ հիշում, ու միտքս են բաներ, որ դու չես էլ լսել, տղաս, չնայած մեր միջի ուսումնականը դու ես։ Էն ժամանակ ամեն ինչ ինքներս էինք անում, մեր կերածը մենք էինք աճեցնում ու բուրդը, որ պիտի գործեինք ու հագնեինք, մեր ձեռքով ներկում էինք, գնում էինք անտառ ընկուզենու կեղև ու պտղի կճեպ, աղտոր ու շամբուկ հավաքելու։ Հետո բուրդը ներկում էինք ու էնքան ցայում պղնձարջասպի լուծույթի մեջ, մինչև մեր ուզած փայլուն սևը բռներ։ Հիմիկվա ներկերը խանգրած բաներ են։ Իմ բռնած կարմիր֊կանաչն ու դեղինը անուշ պայծառ էին։ Վուշը մանում էին, լեղակում ու սիրուն շապիկ, սավան ու սփռոց կարում։ Հիշում եմ, մայրս բակում նստած հավ էր փետրում, կծու, թանձր հոտը բռնել էր տուն ու դուռ, ցախատնից կաղնու մատղաշ ոստերը ծխախառն անուշ բուրում էին, չոր, սմքած խոտի միջից քամին կլանչում էր, էդ տարի Սելին մեռավ, նստած թել էի մանում, ու սիրտս նեղվում էր... Հիշում եմ, գետի կողմից մարդիկ էին գալիս ու ձայնում. «Ուռա՛, ուռա՛»։ Հաստատ ընտրություններ էին եղել, ու կեսը գոռում էր. «Կեցցե Հեյզը»,— մյուսներն էլ՝ «Թիլդենը կեցցե»։ Իմ հիշածներն էս են, տղաս, ու սրանք ոչ մի տեղ էլ գրած չեն։

— Բա ձայներն ի՞նչ եղան։

— Էս է, ասում եմ, ախր դրանից սկսեցի, «զույգ֊զույգ, քսան֊քսան» կանչում էին։

— Էդ ինչ էր,— ասում եմ ինքս ինձ, ու նորից՝ «զույգ֊զույգ, քսան֊քսան»։ Մտածում եմ ու բան չեմ հասկանում, ոչ էլ հաջորդ օրը գլուխ հանեցի, տարօրինակ բան էր, էդ օրը սեպտեմբերի քսանյոթն էր, հիշում եմ, որովհետև երկու օր առաջ, առավոտվա կողմը հերդ իր արհեստանոցում տապանաքար էր տաշում բիվրդեմցի մի կնոջ համար, մեկ էլ ներս է գալիս Մել Փորթերն ու գլուխը դողացնելով կանգնում։ Հերդ ասում էր՝ էնպես կապտած ու խեղճ տեսք ուներ, ոնց որ մի ահավոր դժբախտություն պատահած լիներ։ Հերդ հարցնում է. «Բա՞ն է եղել, Մել, քեզ էդպես տխուր օրումս չեմ տեսել»։

— Ախ, Վիլ,— ասում է ու գլուխը թափահարում։

— Թե իմանաս ոնց եմ նախանձում քեզ։ Ձեռքիդ լավ արհեստ ունես ու քեզ էլ ոչինչ պետք չէ։ Ունեցած֊չունեցածս կտայի, մենակ քո տեղը լինեի։

— Էդ ի՞նչ ես խոսում, Մել,— ասում է հերդ,— դու առաջին կարգի իրավաբան ես, գործդ էդպես լավ, իսկ դու ուզում ես քարտաշի հետ տեղդ փոխել։ Քարն էս ձեռքերովս եմ տաշում ու չգիտեմ էլ վաղը գործ կճարվի, թե չէ։ Գրողի բաժին դառնա սրա նման գործը,— էդպես էլ ասում է. քո հերը բան ասելուց երկար֊բարակ չէր մտածում։— Անիծվի էն օրը, որ խելքս մտավ, պիտի սպասես մինչև մարդ մեռնի, որ հետո էլ մեռնողի բարեկամները քարն ուրիշի գցել տան։ Չէ, էս գործն իմ խելքի բանը չէր։ Ես օրենք պիտի սովորեի ու իրավաբան դառնայի։— Էս մեկը հերդ ճիշտ էր ասում, բոլորն էլ էն կարծիքին էին, որ պարոն Գանտից չտեսնված դատավոր դուրս կգար. էն ճարտար լեզուն, որ նա ուներ։ Բայց Մել Փորթերն ասում է. «Ախ, Վիլ, Վիլ, Վիլ, ծնկաչոք շնորհակալ եղիր Աստծուց, որ էդպես բան չես արել։ Գոնե հիմա կուշտ փորով հաց ես ուտում ու որ գործից տուն ես գալիս, գիշերը հանգիստ քնում ես»։

— Չէ, Մել,— ասում է հերդ,— հաստատ բան է պատահել։

— Հա, Վիլ,— նորից գլուխն է թափահարում սա,— գիշերներն էդ մարդկանց երեսից չեմ կարողանում քնել։— Ու թեև չի ասում ո՛ր մարդկանց, հայրդ գլխի է ընկնում, որ խոսքը Էդ Միրզի, Լորենս Վեյնի ու բանտը նստած էն մյուս մարդասպանների մասին է։ Մելը դրանց դատապաշտպանն էր ու հենց էդ օրը բանտից էր գալիս. կոշիկներն ու շալվարի փեշերը Նիգերթաունի կարմիր ցեխի մեջ կորած են եղել։

— Ինչ արած, Մել,— ասում է հայրդ,— դու մեղք չունես, ձեռքիցդ եկածն արել ես, հիմա պետք չի, որ էդպես տանջվես։

— Ախ, Վիլ,— ասում է,— ինչ որ կարող էի, արեցի դրանց փրկելու համար, բայց վայ թե կախեն, կանայք, երեխեքն ու ազգականներն էլ խնդրում֊աղաչում են, թե՝ ազատիր մերոնց։ Ինչքան գլուխ ջարդեցի՝ բան դուրս չեկավ, էս գործից ես կախաղանի հոտ եմ առնում։ Ահավոր բան է, դրանց երեխեքը մեծանալու են ամոթի կնիքը ճակատներին, որ իրենց ծնողներին որպես մարդասպան կախաղան են հանել։ Սրանց երեսից,— ասում է,— քուն չի գալիս աչքերիս։

Էդ օրը հերդ արհեստանոցից տուն եկավ ու ասում է ինձ.— Մեղքս շատ եկավ Մելին, խեղճը ձեռքից եկածն արեց ու ոնց որ մի բան էլ մեղավոր լինի, կարող է մի ճար կա դրանց ազատելու, Մելի վրա գույն չկար, մի շաբաթ աչք չէր կպցրել։

Իսկ ես ասում եմ հորդ.— Ինձ լսիր,— նա քեզ հաստատ ձեռ է առնում, դեռ ոչ մի դատապաշտպան քունը չի կորցրել, թե՝ վայ թե պաշտպանյալիս կախեն։ Գրազ կգամ, որ Մելը ուրիշ պատճառով է քնահարամ եղել, դրանք կամ վախենում են փողը լրիվ չստանան, կամ էլ մտմտում են, ոնց անեն, ավելի շատ փող պլոկեն, իսկ որ Մելը գլուխդ լավ յուղել է, էդ հաստատ։

— Էդպես մի խոսի,— ասում է հերդ,— մեղք է։

— Չէ՜ մի, մեղք է, դու հո երեկվա երեխեն չե՞ս,— ասում եմ,— էդ պատմության մեջ մի ճիշտ խոսք չկա, ուզում են իրենց խղճաս, դու էլ ամեն ասածի հավատում ես։— Ու ճիշտ հավատում էր. հայհոյում էր, հազար տեսակ հիշոց թափում եկողի գլխին, բայց վերջը համոզում էին, ուզածդ բանը ձեռքից խլում՝ տանում։ Մեկը հենց Մել Փորթերի Ռուֆուս եղբայրն էր՝ կապից փախած անտերը. թե երկնքում աստված կա, նա իր արժանի պատիժը պիտի ստանա։ Էնքան էր խմում, երեսը ոնց որ լխկած պոմիդոր լիներ։ Աղջիկ ժամանակս դրան մի անգամ տեսել էի. Ջիթեր Ալեքսանդրի թևը մտած գիշերով եկել էր սթափության կոմիտեի հավաքին երդում տալու, չնայած մենակ էդ երկուսի խմած արաղը հերիք էր, որ մի նավ լողալով անցներ։ Մի օր էդ Ռուֆուս չեղածը գալիս է հորդ մոտ, թե՝ ինձ համար հազար չորս հարյուր դոլարի չեկ ստորագրիր։ Որ չեմ հիշում, հերսիցս տրաքվում եմ։ Կախել էր պետք դրան, պարանն իմ ձեռքով կձգեի։

— Մի վախենա, Վիլ,— ասում է,— էնպես կանեմ, որ դու շահով դուրս գաս։ Ասա իր անունով մի քոռ կոպեկ ունե՞ր բանկում։ Հորդ հարցնում եմ.— Ինձ ասա, թե էդ հիմարությունն ինչի՞ արիր։

— Եսիմ,— ասում է,— երդում֊պատառ եղավ, որ շահով դուրս կգամ։

— Ու դու էլ, խելքի ծարավ, հավատացիր։

— Էս ինձ դաս,— ասում էր,— էլ էսպես բան չեմ անի։

— Կապրենք, կտեսնենք,— ասում եմ։ Երկու տարին չէր լրացել, Ռուֆուսը նորից որոշեց խաղ խաղալ մեր գլխին, առանց ամոթի գնացել էր հորդ մոտ, թե՝ հինգ հարյուր դոլարի չեկ տուր։ Սրա վրա հերդ էնպես էր կատաղել, որ օձիքից բռնած փողոց էր շպրտել ու ասել.— Թե մեկ էլ էս կողմերն երևաս, կաշիդ կքերթեմ։— Հերդ որ գժվում էր, Աստված հասներ։ Ոստիկանապետ Բիլ Սմեթերսն էլ մոտերքում է լինում ու կանչում է հորդ.— Որ մեկ էլ գա, ես էլ էստեղ լինեմ, միասին կքերթենք, բայց որ հենց տեղում վերջը տայիք, լավ կլիներ։

— Ճիշտ է,— ասում եմ,— հենց տեղում դրա հաշիվը պիտի մաքրեիր՝ հոգիներս ազատվեր։

— Ախր շատ էի դառնացած, եղած փողն էդ քոսոտ հարբեցողի ձեռքն էր տվել, վեց երեխի տեր էինք։ Քիչ էր մնում հերսիցս պայթեի։ Էս քեզ դաս,— ասում եմ,— էլ մարդու փող չտաս, ոչ էլ պարտքով տուր, ամուսնացած մարդ ես, ընտանիք, երեխեք ունես ու մենակ նրանց ես պարտական, ուրիշ ոչ ոքի։

— Հա,— ասում է,— էսպես բան էլ չեմ անի։

Ես էլ հավատացի։ Երեք օր հետո գնաց քեֆի ու որ տուն եկավ, ոտքի վրա հազիվ էր կանգնում։ Ամբրոզ Ռադիկերի մոտից լուր հասցրին, թե՝ եկեք ձեր հորը տարեք։ Իրենք չէին կարողացել հախից գային։ Վեր կացա գնացի, Աստված, դու ախր հորդ կարգին չես տեսել, քո ժամանակ հոգնած էր, արդեն հասակով։ Ռադիկերի նեգրը ինձ ասում էր... գիտես, էլի, էն դեղնած֊մեղնած, ծաղկատար երեսով,— ասում էր. «Պարոն Գանտը ավելի շատ է խմում, քան չորս տղամարդ միասին», էդ օրը հերդ կանգնել էր բարում ու երկուլիտրանոց տարեկանի օղին քաշել գլուխը։

— Զորանաք,— ասում եմ Ռադիկերին,— դուք էլ կանգնած նայում էիք, կին, երեխեք ունես ու երեսդ բռնել է փող պոկել քո պես ընտանիքավոր մարդուց։ Քո պեսների հերն եմ անիծել, ձեզ քաղաքից քշել է պետք,— ասում եմ ու զգում, որ մի քիչ չափն անցա, բայց ասել֊պրծել էի։ Շատ էր ազդվել, ձայն չհանեց, բայց քիթ ու մռութն իրար խառնած կանգնել էր ու երևի մտքում ասում էր՝ գետինը պատռվեր, տակն անցնեի։

— Էդպես մի խոսի, Էլայզա,— ասում է,— քո մարդու փողն ինձ պետք չէ, ի՞նչ ենք անում էդ փողը, գիտե՞ս օրը քանի հոգի է ոտս գալիս, շնորհքով խմում֊վեր կենում։ Քո մարդուն խելքից հանողը մենք չենք։ Թող պարոն Գանտը երդվի, որ էլ խմիչք չի առնելու բերանը, չուզողն էլ ես լինեմ։ Նա էն մարդն է, որ իրավունք չունի խմելու։ Գոնե մի բաժակ խմեր, ու դրանով բանը վերջանար։ Բայց մի բաժակը նրա բերանն էլ չի թրջում, կես շշից հետո նոր զգում է, որ ինքը խմել է։ Չնեղանաս, Էլայզա, բայց քո մարդը տեղով փորձանք է։ Դու չգիտես,— ասում է,— գլուխն ինչ տարօրինակ մտքեր են գալիս։ Մի օր ձայնը գլուխը գցած՝ սկսեց Լիդիայի մասին խոսել։ Երդում֊պատառ էր լինում, թե Լիդիան հարություն է առել ու եկել իր ետևից։

— Ահա՛, ահա՛,— գոռում էր,— մի դրան նայեք,— ու մատով ցույց էր տալիս սենյակում ինչ֊որ տեղ, բացատրում, թե Լիդիան ուսիս վրայով իրեն է նայում։

— Բան էլ չկա, Վիլ,— համոզում ենք,— աչքիդ է երևում։

— Չէ, Լիդիան է,— գոռում է,— միք խաբի, ճամփիցս էլ հեռու, թե չէ կտամ կսպանեմ։— Էդ խոսքի վրա երկու լիտրանոց կիսատ շիշը շպրտեց վրաս, հրաշքով փրկվեցի. տեսա շիշը վրաս է գալիս՝ գլուխս իջեցրի, դարակում ինչքան բաժակ կար փշուր֊փշուր եղավ։ Հետո ծնկի եկավ ու սկսեց աղաչել մեռածին.— Լիդիա, փոքրիկս, ասա, որ ներում ես ինձ... տեսեք, տեսեք, ոնց է աչքերը փայլեցնում, Աստված, դու ինձ ներիր, էնտեղից եկել է, որ ինձ անիծի։— Վախներիցս չորացել էինք, իմ Դեն նեգրը հենց էդ ժամանակ ծլկեց ու մի քանի օր չէր երևում, սևերը մեզնից սնահավատ են, լավ վախեցել էր։

— Կվախենա, բա ոնց,— ասում եմ,— և բանը մենակ սնահավատությունը չէ։— Էնպես որ ասի, Ռադիկերն աչքերը չռեց վրաս.— Ուզում ես ասել էդ բոլորը լո՞ւրջ էր, Էլայզա։

— Ի՞նչ իմանամ,— ասում եմ,— բայց ինքս էլ եմ շատ տարօրինակ բաներ տեսել, ու թե էդ բոլորը ճիշտ է, ուրեմն մեռածները մեկ֊մեկ հարություն են առնում։ Ռադիկերը գույնը գցեց.— Իսկ ո՞վ էր էդ Լիդիան,— հարցնում է,— էդ անունով կին նա ճանաչե՞լ է։

— Հա,— ասում եմ,— բայց էն ժամանակ նա դեռ ամուսինս չէր, ու չգիտեմ ով է։

— Հո նրա առաջին կինը չէ՞, էն, որ մահացել է,— պոկ չի գալիս Ռադիկերը։

— Հենց ինքն է,— ասում եմ,— պարոն Գանտն էդ կնոջից վախենալու պատճառներ շատ ունի.— էլ ուրիշ բան չավելացրի, չասի, որ հերդ, Լիդիայից բացի, երկու կին էլ ջոկ է առել, որ նրանից առաջ էն կողմերում ամուսնացել ու բաժանվել է մի ուրիշ կնոջից։ Մարդիկ մենակ էդ մեկի մասին գիտեին։ Ամաչում էի Մեգի Էֆիրդի մասին որևէ մեկին պատմել։ Էն ժամանակ ամուսնացած֊բաժանված մարդ առնելը ամոթ֊խայտառակություն էր, իսկ մարդաթող կինն ու դուրս ընկածը մի հաշիվ էին։ Մինչև ամուսնանալս որ իմանայի, բա ես քո հորը կառնեի ու էդպես կխայտառակվեի՞։ Մի տարվա ամուսիններ էինք, նոր իմացա։ Հերդ ինքն իր բերանով ասաց։ Խեղճ միսիս Մեյսոն, ինչե՜ր քաշեց էդ խեղճ կինը. որ ամուսնացանք, մեզ հետ էր ապրում, ուզում էր Վիլին հունի մեջ գցել ու հետո նոր իր ընտանիքում կարգ ու կանոն հաստատել, համոզել, որ Ջոնն ու Էլեր Բիլզը միանան։

Ջոնն ու Լիդիան Միսիս Մեյսոնի առաջին ամուսնուց էին։ Ինձ ասում էր.— Էլայզա, քանի կարող եմ, քեզ կօգնեմ, էնքան որ Էլերին համոզեմ ձեռք քաշի մարդուցդ ու պատվով վերադառնա իր մարդու՝ Ջոնի մոտ։ Էլ ուրիշ բան չեմ ուզում էս աշխարհում։ Գոնե հանգիստ կմեռնեմ։ Ասում էր ու լալիս.— Դու չգիտես, իմ քաշածը դու չգիտես։ Հետո ինձ պատմեց, թե ոնց էին եկել էստեղ, դեռ Սիդնեյում հանդիպել էին Վիլին, նա էլ էր գալիս հարավում ապրելու, Ջոն Արթուրի մոտ քարտաշի գործ էր ճարել, սկզբում ընկեր֊բարեկամ չուներ, ախր հերդ յանկի էր, էդ ժամանակ մարդիկ դեռ դժվար էին հաշտվում նրանց հետ։

Ինքն էլ պատմում էր, որ Բալթիմորում էլ մերոնց չէին սիրում։— Գալս պատահական ստացվեց,— ասում էր,— մտքիս կար արևմուտք գնալ, տղա ժամանակվանիցս ուզում էի, բայց Ջոն Արթուրը գրեց, թե՝ էստեղ լավ գործ կա, արի։

Էն ժամանակ հորդ կարծիքով մենք անիծյալ խառնակիչներ էինք ու մեզ կախել էր պետք։ Հերդ չէ՞ր, որ ուզում էր Լիին ու Ջեֆերսոն Դևիսին դատի տալ որպես դավաճանների։ Հորդ ավագ եղբորը՝ Ջորջին, Գեթիսբուրգում սպանել էին, ու պարզ է, նա երկու ձեռքով մեր դեմ էր, մինչև մի օր ինքն էլ ուշքի եկավ ու սկսեց հայհոյել կառավարությանը՝ սևերի օրենսդիրներին Սիդնեյի դեպքերի համար։ Էդ ժամանակ էլ օգնեց Ջոն Արթուրին, որ Կոլումբոսում՝ Հարավային Կարոլինայում, ուղղիչ տուն բացեն։ Էդտեղ աշխարհի ամենասև նեգրերին էին պահում։ Դրանք էլ՝ ընտիր հագած, լակում էին, հարբում, եղած փողերը մսխում ու հաստ֊հաստ սիգարներ էին ծխում, գարշահոտ անտերները, ոտքերն էլ կարմիր փայտից սեղաններին էին դնում։ Էս բոլորը, ոնց որ ասում եմ, կինոյի մեջ էլ կա. «Ազգի ծնունդ» է վերնագիրը՝ ըստ Թոմ Դիքսոնի գրքի։ Հայրդ ասում էր, որ էդ նկարը սկզբից մինչև վերջ ճիշտ է, ու որ ինքը էլ բեթար բաներ է տեսել։

Ի՞նչ էի ասում, հա՛, հերդ գալիս է միսիս Մեյսոնի տուն, Մեյսոնն ու աղջիկը՝ Լիդիան նրան կենվոր են վերցնում։

— Շատ ուրախացանք,— ասում էր միսիս Մեյսոնը,— մենք մենակ էինք, տանը տղամարդ չկար, ու որ Վիլը եկավ, մեզ ավելի ապահով զգացինք. Վիլն իսկական տան տղամարդ էր։ Նրա հավասարը ես որ չեմ տեսել։

Ինչ որ ճիշտ էր, ճիշտ էր. հորդ խելքն ու միտքը էստեղ֊էնտեղ թափառելն էր, բայց նրա պես տան տղամարդ քաղաքում չկար, ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Առավոտները զարթնում էիր, կրակը բուխարիկում՝ թե՜ժ։ Չէր թողնում, որ սպասեիր, գնայիր֊գայիր մինչև կրակ լիներ։ Լավ էլ ուտող էր ու դրա համար օջախը միշտ տաք էր պահում։ Ասում էի՝ քո նման կրակ անել ես էլ եմ կարող, ամեն անգամ կես շիշ կերոսին ես լցնում, հեչ խիղճ ունե՞ս, մի օր կտաս կվառես բոլորիս,— էդ ինչ տեսակ անխնա, անհոգ մարդ էր քո հայրը, նրա սարքած կրակից ծխնելույզը դղրդում էր ու տունը հիմքից ցնցում։

Էն պատմության համար ես մենակ հորդ չեմ մեղադրում։ Պառավին ասում էի.— Միսիս Մեյսոն, ո՞նց՝ որ դուք Վիլի մասին մինչև ձեր տուն գալը ոչ մի բան չգիտեիք, նա հո նույն քաղաքում էր ապրում, ոնց էլ լիներ, մի երկու բան կիմանայիք Մեգի Էֆիրդի հետ ունեցած կապի մասին։ Էս քաղաքն էսքան փոքր, ու դուք էդպես անտեղյա՞կ։

— Գիտեինք,— խոստովանեց,— աղջկա հայրն ու եղբայրներն էին ստիպել, որ ամուսնանա, ու Վիլը նրանց երեսից էդ աղջկան ոնց որ չէր սիրում։ Դրա համար էլ բաժանվեց։

— Գիտեիք,— ասում եմ,— ու թողեցիք, որ գա ինձ առնի, իր ամուսնացած֊բաժանված տեղովը, գոնե մի կերպ հասկացնեիք։— Չէ, բան էլ չասացին, որ մնայի իրենց ասելուն, կյանքում չէի իմանա։ Մեր ամուսնությունից մի քանի ամիս անց հին կաղնեփայտե պահարանն էի սրբում, որ հորդ շապիկներին տեղ անեմ, մեկ էլ աչքովս ընկավ նամակների մի կապոց։ Ձեռքս առա ու էն է, ուզում էի կրակը գցել, բայց ոնց որ մի ձայն ինձ ասեր՝ կաց։ Ոնց որ մեկը էդ նամակները հատուկ ինձ համար պահած լիներ։ Ամեն բան տեղում էր՝ Մեգի Էֆիրդից ամուսնալուծվելու թղթերն էլ մեջը։ Ես թղթերին էի նայում, էդ թղթերն էլ ինձ... Սպասեցի մինչև իրիկունը հերդ տուն եկավ, հետո կապոցը ձեռքն եմ տալիս ու ասում.— Էսօր գրասեղանդ էի մաքրում՝ հին թղթեր գտա, պահե՞մ, թե թափեմ,— հարցնում եմ իբր բանից անտեղյակ։ Հայրդ գույն առավ, գույն տվեց.— Տուր,— ասում է,— տուր էդ թղթերը ինձ,— ու ձեռքը գցում է կապոցին։ Հետո էլ, թե՝ դու կարդացե՞լ ես, Էլայզա։

Ձայն չեմ հանում։

— Դե,— ասում եմ,— ինչ էլ մի չհասկանալու բան է, էստեղ ամեն ինչ տեղը տեղին, սևը սպիտակի վրա գրված է, դու կին ես ունեցել ու ինձ էդ մասին մի բառ էլ չես ասել։ Եվ քեզ առա՝ կարծելով, թե մենակ հանգուցյալ Լիդիան է եղել, իսկ դու էլի կին ես ունեցել։ Իմ հասկացածն էս է, ուրիշ ոչ մի բան։

— Էդ ամուսնությունն իմ կյանքում մեծ անհաջողություն էր, իմ կամքին հակառակ ստացվեց, չէի էլ ուզում, որ դու էդ մասին իմանաս։

— Էդ հասկացանք,— ասում եմ,— դե հիմի բացատրիր, թե բաժանվելուդ պատճառն ի՞նչ էր։

— Ամուսնալուծությունը ձևակերպեցին անհամապատասխանության հիմունքներով։ Ինքը հրաժարվում էր ինձ հետ որպես կին ապրելուց, ուրիշ մեկը կար, դրան էր սիրում, ու նրա ջգրու էլ ինձ հետ ամուսնացավ։ Ինձ հետ, ամուսնանալուց հետո, կապ չի ունեցել, որպես մարդ ու կին մի օր էլ չենք ապրել։

— Ով ապահարզան պահանջեց,— հարցնում եմ։

— Ես,— վրա տվեց հերդ,— որոշումն ընդունվեց ըստ իմ դիմումի։

Ձայն չհանեցի, բայց գիտեի, որ խաբում էր։ Էդ թղթերը սկզբից մինչև վերջ կարդացել էի։ Մեգի Էֆիրդն էր ապահարզան պահանջել։

— Ասում ես նա քեզ կին չի՞ եղել։

— Չէ,—ասում է,— կարող եմ երդվել։

Էստեղ էլ չդիմացա, ախր էդ լինելու բան չէր։ Միսիս Մեյսոնի ասելով՝ Մեգի Էֆիրդը դուրեկան, տեսքով աղջիկ էր, մինչև Վիլին առնելը ահագին ուզողներ էր ունեցել, հորդ հետ կամքին հակառակ էր պսակվել։

— Էդ հավատալու բան չի,— ասում եմ հորդ,— գլուխս մի յուղի։ Դու ոնց կարող էիր տարի ու կես էդ կնոջ հետ ապրել ու մի անգամ ձեռք չտալ։ Ես ախր քեզ լավ գիտեմ, մոտերքում կին լինի, դու պատն էլ կծակես֊կանցնես,— ասում եմ ու նայում աչքերին։ Իսկ նա հայացքը շուռ էր տվել ու ուրիշ կողմ էր նայում՝ տխմար ժպիտը բերանին։

— Հիմի էս թղթերն ի՞նչ ենք անում,— հարցնում եմ,— պահելուց օգուտ չկա։

— Հա, ասում է,— ճիշտ ես, ատելով ատում եմ դրանք, կրակ ու պատիժ են գլխիս, լավն էն է վառեմ, վերջանա գնա։

— Բա ոնց,— ձեռք եմ առնում,— վառիր, տհաճ հիշողություններ են արթնացնում։

— Հենց կվառեմ,— ասում է,— արևս վկա, կվառեմ։

— Միսիս Մեյսոն,— հարցնում եմ պառավին,— մինչև Վիլին ձեր տուն թողնելը էս բոլորը դուք գիտեի՞ք։

— Բա ոնց,— ասում է,— գիտեինք,— հիմա քեզ ասեմ ոնց եղավ։

Ու պատմեց ինչ որ գիտեր. որ պատմեց, տղաս, հասկացա, որ էս բոլորը մենակ հորդ մեղքով չի եղել։ Ոչ էլ Լիդիային եմ մեղադրում, ես նրան շուտվանից գիտեի, դեռ հորիցդ էլ առաջ, Լիդիան մոր հետ տեղափոխվել էր էստեղ ու գլխարկի փոքրիկ խանութ բացել Ակադեմիայի փողոցում, որտեղ որ հիմա Գրինվուդ Հոթելն է։ Իսկական «խանութի գլխարկ» առաջին անգամ Լիդիայի մոտից եմ առել։ Ձմեռը Յենսի կոմսությունում ուսուցիչ էի ու խնայածս ողջ դրամն էդ գլխարկին տվեցի։ Ամիսը քսան դոլար փող էի ստանում ու ինձ հարուստից հարուստ էի կարծում, բա ոնց, նույնիսկ փող էի ետ գցում, որ սեփականության տեր դառնամ։ Էդ ետ գցած փողերով հողամասի առաջին վարձը մուծեցի, հրապարակի մոտի անկյունում ընկած հողակտորն էր։ Քսաներկու տարեկան չկայի էդ ժամանակ ու ոնց որ մի մեծ բան էր արածս, ոնց որ ես էլ էի սեփականատեր Բոբ Փեթոնի ու գեներալ Ալեքսանդրի պես, ախ, տղաս, էնքան չունևոր էինք, էնքան փորձանք էր եկել գլխներիս կռվի տարիներին, որ սրտանց ուզում էի մի բան էլ ես ունենամ. էսօրվա պես հիշում եմ, առաջին անգամ որ հարկաթերթիկը ստացա, մինչև քաղաք վազելով գնացի։ Առանձնապես փող էլ չէր, բայց ոնց էի վազում։ Ինձ պես անխելք մեկ էլ ես էի, տղաս, վախենում էի ուշանամ՝ հողը ձեռքիցս առնեն ու մինչև տեղ հասնելս աճուրդի հանեն։ Էս հեչ, ինչ էի ասո՞ւմ, հա, Լիդիային ուրեմն ես վաղուց գիտեի, հյուսիս֊արևելյան թաղամասում գլխարկի խանութ էր բացել ու նրա մոտից առաջին անգամ իսկական «խանութի գլխարկ» առա։ Լիդիային իսկի չեմ մեղադրում, տղաս, իմ գիտենալով մինչև հորդ հանդիպելը խելքը գլխին, աշխատող կին էր։ Հորդ վրա տասը տարով մեծ էր, ու համը հանողը հենց էդ էր։ Էս գործում մենակ հորդ չեմ մեղադրում, նա որ Մեյսոնենց տուն եկավ, քսան֊քսաներկու տարեկան տղա էր, իսկ Լիդիան էդ ժամանակ երեսունվեցն էլ անց էր։ Ջահել աղջիկ չէր, որ խաբեին՝ ճամփից հանեին, փորձված կին էր։ Ճիշտ է, հայրդ տեսքով, ուժեղ տղամարդ էր, կանայք նրանից պոկ չէին գալիս, բայց Լիդիայի տարիքի կինը պիտի արժանապատվություն ունենար, ընկել էր հորդ ետևից ու վզից էր կախվում։ Ես որ մեռնեի էլ՝ էդ բանը չէի անի։ Մայրն էլ էր ասում.— Ախ, Լիդիաս, Վիլի համար գժվում էր։— Ամբողջ կյանքում կարգին, նամուսով կին էր եղել, տանը մնացած աղջիկ էր, խանութ ուներ, ու մարդիկ նրան հարգում էին։

— Էդ ի՞նչ էր անում,— պատմում էր միսիս Մեյսոնը,— Վիլին հանգիստ չէր տալիս, ետևից վազում էր։— Հորդ էլ լավ գիտես. կնիկարմատ տեսնելիս ճռները թուլանում էին։ Էս անգամ էլ փորձանքի մեջ ընկավ. Լիդիան հղիացավ, ու հորդ խելքը մտավ թե՝ «ինձ խայտառակությունից փրկելու համար պիտի ամուսնանաս հետս»։ Հայրդ գլուխը կորցրել էր։ Հետո ինձ պատմում էր, որ Լիդիային չի սիրել ու չի էլ ուզեցել հետն ամուսնանալ։ Վերջը որոշել էր նրան ուղարկել Վաշինգտոն՝ բժշկի մոտ ու նամակ էր գրել Ջիլին։ Էդ ժամանակ Ջիլը դեռ հարավ չէր տեղափոխվել ու հորաքրոջդ՝ Մերիի հետ ապրում էր Վաշինգտոնում, բրուտ էր էնտեղ։ Եղբայրն էր, պիտի ձեռք բռներ։ Լիդիային ուղարկեցին Վաշինգտոն, չգիտեմ հետո ինչ եղավ֊չեղավ, Ջիլը մարդու բան ասողը չի, ես էլ սիրտ չունեի հարցնելու, էդ կինը ժամանակից շուտ ծննդաբերեց։ Ցավերը գնացքի մեջ էին բռնել, տուն դառնալու ճանապարհին, մի փոքր քաղաքով անցնելիս։ Ուղեկցորդը Ջիլին օգնել էր, որ Լիդիային կայարան հասցնեին, իսկ դա դեռ մի օր չանցած թողել, տուն էր եկել։ Շատ սրտոտ կին էր։ Էս պատմությունն, իհարկե, մարդկանց ականջն է ընկնում, ու հերդ ուզած֊չուզած ամուսնանում է Լիդիայի հետ։ Քաղաքում, պարզ է, հորդ թշնամաբար էին նայում. նա յանկի էր, ոնց որ մենք էինք ասում՝ սատանի յանկի, որ եկել էր մեր քաղաք ու տեղի կանանց էլ ճամփից հանել։ Մի կին լիներ, էլի ոչինչ, բայց երկրորդը համը հանում էր։ Ստիպված էին քաղաքից հեռանալ։ Հենց էդ ժամանակ էլ որոշեցին գնալ Ալտամոնտ. Լիդիան թոքախտավոր էր, ու հայրդ մտածեց, որ լեռնային օդը օգտակար կլինի նրան, երևի վախենում էր, որ ինքն էլ է հիվանդ. էդ կնոջ հետ ապրել էր ու կարող էր վարակված լինել։ Առաջին անգամ, որ հորդ տեսա, ոնց որ ուրվական լիներ. երեսը դեղնած, ինքն էլ՝ կաշի ու ոսկոր, ինչեր էր քաշել խեղճը... Երբ Լիդիան ունեցած֊չունեցածը ծախեց ու խանութը փակեց, հայրդ նրան միսիս Մեյսոնի հետ ուղարկեց Ալտամոնտ, իսկ ինքը որոշեց արհեստանոցի գործերը կարգի բերել, որ ձեռքը մի քիչ փող ընկնի, նոր գնա։ Հորդ ու Լիդիայի մասին էսքան բանը գիտեի՝ մեկը գլխարկի առևտուր էր անում, մյուսն էլ արհեստանոցում գլուխը կախ իր բանին էր։

Հիմի պատմեմ քեզ էն մյուս կնոջ՝ Էլեր Բիլզի մասին։ Սիդնեյից գալուց առաջ նա հորդ հետ կապ չուներ, ճանաչում էր որպես իր տալի՝ Լիդիայի ամուսին, բայց Ջոնն ու ինքը հորդ պես հասարակ քարտաշին բանի տեղ դնողը չէին, մանավանդ որ խայտառակել էր իրենց ընտանիքը։ Ոնց էին կատաղել ու փրփրել, որ Լիդիան երեխով էր, հորդ հետ ոչ խոսել, ոչ էլ երեսը տեսնել էին ուզում, ատում էին նրան. հայրդ էլ նրանց տանել չէր կարողանում։ Ու արի տես, որ կես տարի հետո էդ Էլեր Բիլզն իր չունեցած ամոթը կորցրած վեր կացավ եկավ Ալտամոնտ։ Ճիշտն ասած, նրան էլ մեղադրել չէր լինի. նրա Ջոն Բիլզ կոչված ամուսինը շատ անպետք ու անբան մարդ էր, չէր կարողանում կնոջը պահել։ Սա էլ գրել էր սկեսրոջը, թե գալիս եմ։ Լիդիան ու միսիս Մեյսոնը վախեցել էին հորդ ասեին, որոշել էին, որ կգա՝ մի բան կմտածեն։ Մի օր հայրդ գալիս է տուն, որ մեր տիկինը ներկված, ճոթվորած բազմել է։ Հայրդ էնքան էր ատում էդ կնոջը, որ ուզում է գլուխն առնի գնա տնից։ Բայց Էլերը վեր է կենում ու իր նորաձև սանրվածքով ու շքեղ գլխարկն էլ գլխին մոտենում է հորդ, հետո էլ իր շաքար ձայնով, թե՝ «Վի՜իլ, ինձ չես ուզում համբուրե՞լ, Վիլ»։ Լիրբը, Վիլը որ Վիլ լիներ, հենց էս խոսքի վրա վիզը պիտի ոլորեր։

— Վիլ, արի հաշտվենք, Վիլ,— ասում է։

Ոնց էլ երեսը բռնում էր էդքան բանից հետո հաշտությունից խոսել, էդ էլ քիչ էր՝ կնկա ու զոքանչի ներկայությամբ քսմսվում էր էդ մարդուն։

— Ինչ եղել է՝ եղել է, Վիլ,— ասում է, ու հերդ ստիպված պաչում է էդ կնկան։

— Տեղն էր քեզ,— ասում էի հորդ,— քո պես անխելքներին էդ էլ է քիչ։— Ու գիտե՞ս, չէր վիճում հետս, լուռ ընդունում էր իր սխալ լինելը։

Էլեր Բիլզ ասածդ փոքր֊մոքր, մի տեսակ սև ու սպիտակ կին էր. մաշկը ճերմակ, մազերը՝ ղշի թև, աչքերն էլ ածխի զույգ կտոր։ Խոսում էր ալարկոտ, փափուկ֊ծորուն ձայնով, ոնց որ մի կուշտ քնել ու նոր վեր էր կացել։ Հենց առաջին անգամ տեսա, ասի՝ լրբի մեկն է. խելքն ու միտքը տղամարդկանց ճամփից հանելն ու նրանց ունեցվածքը տակով անելն էր։ Սուտ չեմ խոսի, դուրեկան կին էր. մարմինը, բանը տեղը, մաշկն էլ մաքուր՝ վրեն մի բիծ չկար։ Հերդ էլ էր ասում՝ լավիկն է... Ինչի՞ լավիկը չէր լինի, ես էլ որ մատս մատիս չտայի՝ սիրուն էլ կլինեի, լավիկն էլ, որ առավոտից իրիկուն երեխա չպահեինք, ու մեր տեղը եփող֊թափող լիներ, մենք էլ սիրուն կլինեինք։

— Ճիշտ ես,— ասում էր հերդ,— ճիշտ։

Ուղիղ Լիդիայի քթի տակ էդ անզգամը սկսում է հորդ հետ սիլի֊բիլի անել, առավոտից իրիկուն վրա֊գլուխն էր շտկում, շպարվում, որ օր֊օրի հորդ խելքահան անի։ Էդ նույն տան մեջ Լիդիան հիվանդ մեռնում էր. էնքան էր հազում՝ թոքերը բերանն էին գալիս, մեռնում էր ու լավ էլ տեղյակ էր, թե ինչ է կատարվում, մի օր հորդ ասում է. «Վիլ, ես հիվանդ եմ, գիտեմ, քեզ էլ պետք չեմ, ինձ էլ երկար կյանք չի մնացել ապրելու, գնացեք, ուր ուզում եք, Վիլ։ Բայց իմ տան մեջ էդ բանը միք անի, թե դու խիղճ ունես՝ հարսիցս վազն արի»։

Հերդ ասում էր.— Մեղքի տակ ընկա, թե վերևում Աստված կա, պիտի մի օր պատժվեմ։

Էն խեղճ պառավ կնիկն էլ էնտեղ էր տանջվում. տան գործը վրեն, բոլորի համար եփում֊թափում էր, իսկ էն ալրաթաթախ, ջլթիկը տեղը պնդացրած հորդ էր սպասում. գոնե մտքով չէր անցնում մի բանով էլ ինքը օգներ։ Դրա բուրդը քամուն պիտի տային, որ լավ լիներ։

Լիդիայի մեռնելուց հետո էլ փասափուսեն չհավաքեց էդ տնից։ Հերդ էլ, պարզ բան է, արդեն գլուխը կորցրել էր ու չէր ուզում, որ սա գնա։ Որտեղից որտեղ Ջոն Բիլզը եկավ կնոջն այցելելու, գցեց֊բռնեց ու տեսավ, որ բանը բանից անցել է, ու էլ չհամբերեց։ Մեղքս ինչ թաքցնեմ, Ջոնին միշտ էլ փալասանքի մեկն եմ համարել. կարծում էի չտեսնելու կտա, կթողնի, որ կինը դուրս ընկնի, բայց էդ մարդը դեռ նամուս ուներ, գնաց Ջոնսոն Սիթի՝ Թեննեսի, հյուրանոցում իր համար գործ գտավ, հետո էլ գրեց կնոջը, թե՝ արի։ Բայց սա նամակ գրեց մարդուն, թե. «Ես֊քեզ չեմ սիրում, հետդ չեմ ապրի ու էստեղից էլ ուրիշ տեղ գնացողը չեմ»։ Հաստատ որոշել էր ապահարզան ստանալ ու ամուսնանալ հորդ հետ։ Հերդ էլ աղոթած էշի պես լսում էր դրան, փողերը քամուն տալիս ու նվերներ առնում էդ կնկան։ Խեղճ պառավ Մեյսոնը նեգրի պես բանում էր, արցունքն աչքերին աղաչանք֊պաղատանք անում հարսին, որ գնա ամուսնու մոտ. ինքն ասում էր, ինքը՝ լսում։ Էլերը մինչև ականջները սիրահարված էր ու հաստատ որոշել էր հորդ իրենով անել։ Շուտով Ջոն Բիլզից երկրորդ նամակն եկավ, ու հասկացանք, որ մարդու համբերության բաժակը լցվել է. «Շտապ որոշիր անելիքդ,— գրում էր,— քո նազերը տանելու հավես էլ չունեմ։ Կամ ինքդ ես գալիս, կամ ես կգամ քեզ տանելու, բայց ականջիդ օղ արա, որ ես եկա, քո կեղտոտ յանկիին իր տան մեջ կսատկացնեմ»։

— Էլերն էս նամակին չպատասխանեց, ու Ջոնն իսկապես եկավ, գնացքով եկավ, որ կնոջը տանի։ Ախ, ոնց էր վախեցել պառավ Մեյսոնը։

— Էլայզա,— պատմում էր ինձ,— էդ ինչ ահավոր օր էր։ Էն աղջիկը վերևի սենյակում էր փակվել, էստեղ Ջոնը, լցրած ատրճանակը գրպանը, սենյակն էր չափչփում ու գոռում էր կնոջը. «Կես ժամից դուրս չեկար, սիրողիդ գանգը կփշրեմ»։ Վիլը, երեսի գույնը թռած, դռանը ետ ու առաջ էր անում, էն անաստվածն էլ երկու ոտքը մի կոշիկն էր դրել, թե՝ էստեղ եմ մնում։ Վերջը մի կերպ համոզեցին, հասկացրին, որ չգնա՝ արյուն կթափվի, վեր կացավ գնաց Թեննեսի։ Բայց չուզելով գնաց, մարդուն ատում էր, տղաս, ու անիծելով գնաց։ Դրանից հետո հայրդ ինձ հետ ամուսնացավ. ամուսնացավ, բայց էդ կինը հա գրում էր հորդ։ Մի օր էլ չդիմացա ու պարտքս համարեցի Ջոն Բիլզին գրել, որ «Ձեր կինը իրեն անվայել է պահում, քանի որ նամակագրական կապի մեջ է ամուսնացած մարդու հետ, ու որ իր՝ ամուսնու պարտականությունն է վերջ դնել էդ բանին»։ Էլերը հորդ նամակ գրեց, որ ես իր ամուսնուն տեղյակ եմ պահել։ Նամակի մեջ ինչ անեծք գիտեր՝ թափել էր հորդ գլխին։ Հա, մեկ էլ գրել էր, թե. «Ես որ գիտենայի դրան ես առնելու, քո մասին ամեն ինչ կպատմեի էդ աղջկան։ Էդքանը լսելուց հետո ոչ մի կին չէր ուզենա քեզ առնել, էս հաստատ։ Բարով վայելի քեզ։ Ինչքան էլ ատեմ կնոջդ, ավելի լավ պատիժ, քան քեզ հետ ամուսնանալը դժվար թե գտնեի նրա համար»։ Հերդ էդ օրը տուն եկավ ու նամակը շպրտեց երեսիս։

— Առ,— ասաց,— հերդ եմ անիծել, քո արածներն են, չէ՞։ Դե հիմա լսիր,— ասում է,— ուզում եմ հիմիկվանից իմանաս, իմ տանը դու նրա տեղն ես նստել, որովհետև նա թողեց գնաց. որ չգնար, դու էստեղ չէիր լինի, իմացա՞ր, էս մեկը ականջիդ օղ արա։

Ջահել էի, տղաս, հպարտ, որ էդպես խոսեց, շատ նեղացա, վեր կացա, կանգնեցի դռանը, ուզում էի հենց էդ օրը թողնեմ գնամ տնից, բայց արդեն երեխով էի, ու անձրև էր եկել, վարդ ու շուշան անուշ հոտ էին գցել, ցախկեռասը կամացուկ բուրում էր, խաղողը հասնում էր. մութն ընկել էր, ու մարդիկ, դռներին կանգնած, զրույց էին անում, ու ես տեղ չունեի գնալու։ «Աստված ջան,— ասում էի,— Աստված ջան, ի՞նչ անեմ»։

Իսկ հերդ վեր կացավ, գնաց Ամբրոզ Ռադիկերի մոտ խմելու։ Ամբրոզն ինձ հետո ասաց, որ հարբած ժամանակ աչքին Լիդիան է երևացել, ուզեցել է հետը տանի։ Ինչ իմանաս, տղաս, մի գուցե իսկապես Լիդիան է եղել։

— Դրանով հո չպրծանք,— պատմում էր Ամբրոզը,— մի օր էլ կպավ Դենից, թե՝ դու չինացի ես։

Դենին հիշո՞ւմ ես. խոշոր, դեղնած նեգր էր, չեչոտ երեսներով։ Հորդ համար էլ ի՞նչ մի դժվար բան էր հարբած֊հարբած բաներ երևակայելը։ Կպել էր խեղճից, թե՝ «քեզ հատուկ մարդիկ են ուղարկել ինձ սպանելու համար»։

— Ես գիտեմ,— գոռացել էր,— թե դու ինչի համար ես էստեղ, հենց հիմա երկուսիս վերջն էլ կտամ։ Գրողի բաժին դառնաս,— ասել էր,— հիմի լեշդ կփռեմ։

— Էնպես էր քրքջում, որ արյունս երակներումս սառել էր,— պատմում էր Ամբրոզը,— հետո էլ սեղանից մի դանակ ճանկեց ու նետվեց բարի կողմը, որ հասնի Դենին։ Ահավոր բան էր, մեր խափշիկը տեղում չորացել էր, մի կերպ կմկմում էր. «Դենը մարդու բան չի արել, Դենը ոչ ոքի վատություն չի արել»։— Ստիպված դանակը խլեցինք ձեռքից, ու ես էլ փորձեցի խելք հասկացնել մարդուդ։ «Ինձ լսիր, Վիլ,— ասում եմ,— էս խեղճից ի՞նչ ես ուզում։ Նա քեզ վատություն չի արել»։ Իսկ նա թե. «Քեզ ասում եմ՝ չինացի է, զզվանքս գալիս է՝ վրան նայեմ»։

Գժվածի պես էր, նրան բան հասկացնելն անհույս գործ էր։

— Էդ ի՞նչ ես խոսում, Վիլ,— ասում եմ,— քանի տարի էստեղ ես ապրում, ինձանից լավ գիտես, որ նա չինացի չէ։

— Ճիշտ է, միսթահ Գանտ,— իր կողմից վրա է տալիս Դենը, գիտես, էլի, նեգրերին,— ախր ես չինացի չեմ։

— Շատ լավ էլ չինացի ես,— ձեռք չէր քաշում մարդդ,— արևս վկա, քեզ հիմա կմորթեմ։

— Վիլ,— ասում եմ,— մեր Դենը նեգր է, համ էլ չինացի լինելը պատճառ չէ, որ տաս էդ մարդուն սպանես։ Ինքդ մտածիր, չինացին էլ մեզ պես մարդ է, Աստված նրանց էլ է մի բանի համար ստեղծել։ Ոնց կլինի անմեղ տեղը խփես սպանես, ինչ է թե՝ չինացի է։

— Լավ էլ կանեմ,— ասում է,— սրանք դժոխքից փախած չարքերի ոհմակ են, սրտիցս արյուն են ծծել ու հիմա էլ սպասում են, որ շունչս փչեմ։

— Սա հո միակ դեպքը չէ, Էլայզա,— ասում էր Ամբրոզը։

— Ոնց թե,— զարմանում եմ,— չեմ ուզում՝ էլի Ամբրոզը գլխի ընկնի, որ ես ամեն բան գիտեմ,— ուզում ես ասել Վիլի հետ էլի՞ են էդպես բաներ եղել։

— Շա՜տ,— ասում է,— զարմանալի բան է, ոնց որ ոխ ունենա չինացոց դեմ ու անընդհատ դրանց փորձանքի մեջ է ընկնում։

— Չէ,— ասում եմ,— ոչ էս կյանքում, մի ուրիշ տեղ, կարող է։

— Ոնց թե,— աչքերը չռում է վրաս։

— Սրանից ավել բան չեմ կարող բացատրել, բաներ կան, որ դու չես հասկանում։

— Քո մոտ է՞լ է էդպես բաներ խոսում,— հարցնում է։

— Խոսում է,— ասում եմ ու վերջակետ դնում։ Սկզբում ուզում էի պատմել Ամբրոզին, բայց հետո ասի՝ պետք չէ։

— Շատ լավ ես արել, որ չես պատմել,— ասաց հայրդ։

— Ախր ի՞նչ է եղել, այ մարդ,— հարցնում եմ,— ի՞նչ ես էդ չինացոց գլուխդ գցել։— Ուզում էի հասկանալ, թե բանն ինչ էր, տղաս։ Հայրդ միշտ էլ դաժան էր չինացոց նկատմամբ, ատում էր դրանց։

— Վիլ,— ասում էի,— պիտի որ մի պատճառ լինի, մարդիկ առանց պատճառի չեն ատում, դրանց ազգից մեկը քեզ վնաս տվե՞լ է, գոնե մի չինացու ճանաչո՞ւմ ես։

— Չէ,— ասում է,— ոչ մեկին էլ չեմ ճանաչում, բայց ինչ տեսել, չեմ տեսել դրանց Բալթիմորի փողոցներում, զզվում եմ։

Տղա երեխա էի, որ Սան Ֆրանցիսկո գնացի. հենց նավից դուրս եկա՝ մի չինացի դեմս ելավ՝ դեղին֊դեղին, էդ օրվանից ատեցի էդ քաղաքը, բայց, Աստված վկա, չգիտեմ ինչու եմ զզվում դրանցից։ Զարմանք բան է, գուցե իսկապես մի ուրիշ կյանքում, ուրիշ մի կերպարանքով ճանաչել եմ չինացիներին, չգիտեմ։ Քանի տարի հետո, Բոքսերի ապստամբության օրերին հայրդ տուն եկավ ու վրա տվեց.— Վերջապես, չինացոց պատերազմ են հայտարարել, գնում եմ զինվորագրվեմ։ Էլ համը հանեցին։— Երկու ձեռքով դեմ էր չինացոց ու պատրաստ տուն ու տեղը, երեխեքին թողնել՝ կռիվ գնալու։

— Ոչ մի տեղ էլ չես գնա,— ասում եմ,— դու ամուսնացած մարդ, մի տուն էլ լիքը երեխեք ունես։ Զինվոր են գրում, թող ուրիշ կամավոր գտնեն, քո տեղն էստեղ է։ Համ էլ,— ասում եմ,— քեզ բանակ տանող չկա.— դու հասակդ առած մարդ ես, նրանց ջահել տղերք են պետք։

Էս խոսքս շատ դիպավ հորդ սրտին, ոնց կլինի նրան ասես, թե՝ դու է՛լ ջահել չես, ու բորբոքվեց. «Որպես տղամարդ, ես էդ ջահելների պես տասը արժեմ, հիմի այլասերվածների դարն է, թե՞ կարծում ես էդ թշվառական հիմարների չափ էլ չկամ, էն որ ծխախոտը բերաններից կախած՝ քարշ են գալիս խաղատների պատերի տակ, խղճուկ բաներ են, ու դու ճիշտ չես խոսում, կնիկ, քո տանդ կտուրն ես քար գցում։ Հենց էս րոպեիս նրանց չորսի չափ գործ կարող եմ անել։ Որ էդպես խոսեց, էլ չհակառակվեցի, հայրդ շատ ուժեղ մարդ էր, տղաս, պատմում էին, որ արհեստանոցում ութհարյուրֆունտանոց քարը բմբուլի պես վեր է թռցրել, իսկ քարի մյուս կողմից բռնած երկու աժդահա նեգրերը քրտնակոխ կուչ ու ձիգ էին լինում։

Որ առաջին անգամ հորդ տարանք Հոպկինսի մոտ, ես ասացի Վեյդ Էլիոթին.

— Բժիշկ, ես իմ ախտորոշումն արել եմ, իմ կարծիքով, ամուսինս էս հիվանդությունը իր ձեռքով վաստակեց, էսպես չլսված բաներ անելով։ Մարդիկ ասում էին. «Պարոն Գանտ, որպես ի՞նչ ես էդպես տանջվում, իզուր մեջտեղից մի ճղվի, նեգրերին հենց դրա համար ես վարձել, որ ծանր աշխատանքը իրենք անեն»։

— Ախր ո՞նց կլինի,— ասում է,— նեգրերի հույսին որ մնամ, գործս վարի կգնա։

Միշտ ասում էի բժիշկ Էլիոթին.— Բժիշկ,— ասում էի,— ամուսինս ինքն իր ձեռքով կյանքը կարճացնում է։

— Այո,— ասում էր ինձ,— համաձայն եմ ձեզ հետ, ճիշտ եք ասում։ Իսկ հորդ հետ ես կարճ կապեցի.— Դու ընտանիքի տեր ես,— ասացի,— ու ոչ մի կռիվ էլ չես գնա — Բայց, Աստված, էդ ի՞նչ տեսակ մարդ էր. որ բան չասեիր, ուզածդ պահին գործը կթողներ֊կգնար ուր որ խելքին փչեր՝ էստեղից էնտեղ քոչեր. որ հորդ կինը չդառնայի, իր օրում մի սեփական չոփ էլ չէր ունենա։ Մի անգամ Տրումենից նամակ ստացավ, Տրումենը Կալիֆոռնիայում պրոֆեսոր էր, էն պատմածս երկու մարդասպանների աները՝ Էդի ու Լորենսի... Աղջիկներին դրանց էր տվել, բայց ինքը ուսումնական, խելքը գլխին մարդ էր։ Էդ մարդասպանների հետ նա կապ չուներ, կյանքում իր ձեռքերն արյունով չէր կեղտոտի, նրբագույն բրդից հյուսած շորեր էր հագնում ու ընտիր կաշվե կոշիկներ։ Ու էդ Տրումենը նամակ էր գրել հորդ, թե՝ արի. «Զի տերն իր շռայլ օրհնանքներով հեղեղել է երկիրն այս», էսպիսի բաներ էր գրել մեր ուսյալ պարոնը, էդ ինչ լեզու էր թափել, իր ճոխ, ծաղկեցրած անգլերենով գրել էր հորդ... «Եկ, այստեղ է բնության հրաշքը, այստեղ է, ուր առատորեն հոսում է ամեն բարիք՝ բավական անգամ ագահ սիրտը գոհացնելու համար, դեռ ձեռք չի կպել էս հարստությանը, եկ ու մի տասնհինգ տարուց ունևոր մարդ կլինես, վաճառիր կայքդ ու եկ»։ Մի խոսքով՝ համոզում էր։

— Պա՛հ, պա՛հ,— ասում եմ,— ինչ֊որ շատ է ուզում գնաս, չէ՞։

— Հա,— ասում է հերդ,— նոր տեղ է, նոր երկիր, հավաքվենք գնանք։— Հետո էլ, թե՝ էդ ինչի՞ ես մի տեսակ նայում։— Ձայն չեմ հանում, մենակ հարցնում եմ. «Դու որ գնաս, մեր բանը ոնց է լինելու»։

— Ձեզ էլ եմ տանում,— ասում է,— Տրումենը գրել է՝ Էլայզային, երեխեքին առ՝ արի։

— Բա ոնց,— ասում եմ,— կգրի, էդպես էլ կարծում էի։— Ուզենայի՝ հորդ կպատմեի, բայց չուզեցի գլուխը ցավեցնեմ, ես գիտեի ինչն ինչոց է, քեզ էլ հո կարող եմ պատմել, տղաս, էդ մարդը մի օր եկել էր մնաս բարով ասելու ու աչքերը տնկել էր վրաս։

— Ափսոս, որ գնում եք,— ասում եմ նրան,— ձեր պակասը շատ կզգացվի։— Իսկ նա պլշում է վրաս ու.— Հարկավ,— ասում է,— ես էլ ձեր պակասը կզգամ։

— Ես ու ամուսինս՝ պարոն Գանտը, ձեզ շատ կկարոտենք,— ասում եմ ու որոշում մի քիչ աշխուժացնել խեղճին,— որ տեղ հասնեք, մեզ չմոռանաք, նամակ գրեք, թե ճիշտ էդպես զարմանք տեղ է ու փողոցներում ոսկի է շաղ տված՝ մեզ իմաց արեք՝ գանք, ունեցած֊չունեցածներս հավաքենք, գանք։— Իհարկե,— ասում է,— իմ ուզածն էլ էդ է։

Հենց էդ ժամանակ ես ամեն ինչ գլխի ընկա։ Դրանից հետո մի քանի տարի անցավ, ու հերդ գնաց Տրումենի մոտ, մեջն իսկի օգուտ չկար, թե ինչ դարդն էր կտրել՝ վեր կացավ գնաց, էդքան էլ փող ծախսեց ու ետ դարձավ եկավ։

— Տեսա՞ր պրոֆեսոր Տրումենին,— հարցնում եմ։

— Տեսա,— ասում է ու մի տեսակ նայում։

— Ո՞նց է, ի՞նչ է անում։

— Լսիր,— ասում է հայրդ,— էդ մարդն օրնիբուն քեզնից էր խոսում, վայ թե պառավ ցնդած հալին սիրահարվել է քեզ։

Ես իսկի չեմ խոսում, որ հորդ չջղայնացնեմ, բայց ամեն ինչ հասկանում եմ։

Էհ, տղաս, ես մենակ մի բան գիտեմ. հերդ աշխարհում ամենից շատ թափառել էր սիրում։ Ճիշտ էր ասում Ամանդա Ստիվենսը, էլի... Ամանդան ութ տղա ուներ, ութն էլ գնացին քաղաքացիական կռիվներին մասնակցելու։ Մարդիկ գալիս շնորհավորում էին Ամանդային, որ էդպես տղաներ ունի, իսկ նա ասում էր. «Մի գիշերվա մեջ ութն էլ գնացին, ինձ մի բառ չասացին, թե՝ գնում ենք։ Որ ինձ խոսք հասներ՝ ութին էլ ետ կբերեի, որ ինձ օգնեին, տուն ու տեղին նայեին»։— Մարդիկ ասում էին.— Մի՞թե հպարտ չես, որ էդպիսի տղաներ ունես։

— Հպա՜րտ, չէ՛ մի,— գոռում էր, վո՜ւյ, էդ ինչ լեզու ուներ էդ կնիկը,— էստեղ հպարտ֊մպարտի հարց չկա, տղամարդիկ բոլորն էլ մի սանրի կտավ են, հլա չեմ տեսել մի տղամարդ, որ հինգ րոպե տեղում դադար մնա, ոնց որ քամակները սկիպիդար լցրած լինեն։

Խեղճը վառված էր, տղաներն առանց մի բառ ասելու գնացել էին ու թողել, որ մայրը մենակ նայի տանը։ Ամանդայի պես կնիկ մեկ էլ ինքն էր։ Ութսունյոթ տարի ապրեց ու մի անգամ չտնքտնքաց։ Էն ձմռան ցրտին էլ որ մի տեղ հիվանդ լիներ, կհասներ՝ կօգներ։ Պատմում էին, որ Ամանդան... վույ, Աստված ջան, ես չեմ հավատում, որ նա ասած լինի, մարդ էլ իր աղջկան էդպես բան ասի՞, այ թե կնիկ էր, հա, պատմում էին, որ Ամանդայի աղջիկը՝ Կլարիսան, էն, որ պսակվել էր Ջոն Բերգինի հետ... սա էն Ջոն Բերգինն էր, որ, քեզ պատմել եմ, քեզ հեռավոր ազգական է մորդ կողմից։ Խեղճին Էդ Միրզը սպանեց։ Հերդ էլ եկել էր տուն ու դարդ էր անում Էդի ու նրա դատապաշտպան Մել Փորթերի համար։ Ես հորդ ասացի. «Կախում են՝ կախեն, լավ էլ անում են, ոնց խիղճները կորցրած սպանեցին էն տղին». խելոք, աշխատող տղա էր, մի տուն երեխեք ուներ ու ոչ մեկի խաթրին չէր կպչում։ Էդպես էլ խղճամեռ, անսիրտ մարդ կլինի։

Հա, Ամանդայի աղջիկը՝ Կլարիսան, որ պսակվեց, յոթ ամիսը չլրացած երեխա ունեցավ։ Էդպես մեկ֊մեկ լինում է, ու նրան ոչ ոք չէր մեղադրում, մտքներովս էլ չէր անցնում ուրիշ բան, բայց ծննդկանը խելքը թռցրածի պես ձայնը գլուխը գցեց ու սկսեց ճղճղալ։ Բժիշկն էլ ասաց. «Առողջ լավ երեխա է, բան էլ չկա, բայց որ էդ աղջկա ճղճղոցը չկտրեք, երեխան որբ կմնա»։

— Դրա բերանը փակելն ինձ վրա,— ասում է Ամանդան, գնում ննջասենյակ ու նստում ծննդկանի կողքին։

— Մի ինձ նայիր,— ասում է,— քեզ բան էլ չկա, դու շատ լավ ես, ես էլ գիժ խաղացնելու հավես չունեմ։

— Ա՛խ,— ասում է Կլարիսան,— ամոթից կմեռնեմ, ոնց եմ մարդկանց աչքերին նայելու,— ու նորից սկսում է ողբալ։

— Ի՞նչ է եղել,— հարցնում է Ամանդան,— ինչ ես արել, որ էդպես ամաչում ես։

— Բան էլ չեմ արել, բայց երեխես ժամանակից շուտ ծնվեց...

— Եղած֊չեղած էդ է՞, ու դրա համար քեզ էդպես կոտորո՞ւմ ես։

— Հա,— ասում է Կլարիսան,— ախր մարդիկ կմտածեն, որ մինչև պսակվելս Ջոնի հետ եղել եմ։

— Էնքա՜ն մտածեն,— ասում է Ամանդան,— դու էլ ասա՝ ո...ս իմս է, ինչ ուզեմ կանեմ։— Էդպես էլ ասում է։ Հորդ պատմեցի. «Սուտ կլինի», զարմացավ։ Ի՞նչ սուտ...

— Հա, ուրեմն, հերդ գնում էր, ես չէի թողնում, «չես գնա», ասում եմ ու ոտքս գետին խփում։ Նա էլ տեսավ, որ լուրջ եմ ասում, ու մնաց. մնաց, բայց կյանքում նրա ուզածը մի բան էր՝ թողնել գնալ, կարևոր չի՝ ուր։ Էդքան տարի հերդ ապրեց ու չկարողացավ չինացոց հանդեպ իր թշնամանքը մոռանալ։ Էդ ժամանակ դու էլ էիր մեզ հե՞տ, թե չէ, հա, դու քոլեջում էիր, պատերազմը դեռ չէր վերջացել, մենք հորդ հետ վեր կացանք գնացինք՝ ես, Լյուկը, Բենս... խեղճ երեխաս, հեչ կմոռանա՞մ։ Բոլորս սպասում էինք, որ հայրդ ուր որ է մեռնելու է (դրանից հետո նա դեռ հինգ տարի էլ ապրեց), բայց մահացավ իմ Բենը, մի տարվա մեջ երեխես գնաց... թաղեցինք եղբորդ... իսկ հերդ, հերդ իր ահավոր քաղցկեղով ապրեց, Աստվա՛ծ, դիմացավ իրեն կրծող էդ նեխած ցավին, որ օր֊օրի արմատակալում, տարածվում էր արյան մեջ։ Վեյդ Էլիոթն ինձ ասում էր.— Չեմ հասկանում ինչն է պահում ամուսնուդ, չէի հավատում, որ նրան էլ կենդանի կտեսնեմ, չլսված բան է,— ասում էր,— այսպիսի դեպք ինձ դեռ չի հանդիպել։

— Դուք անունով բժիշկ եք,— ասում եմ,— էդքան մարդ եք վիրահատել, ո՞նց չեք հասկանում, դուք հո գիտեք բոլոր նշանները,— էդպես էի ասում, որ մի խոսք քաշեի, իմանայի ինչ էր մտածում։

— Դուք, անշուշտ, ձեր կարծիքը կունենաք, բժիշկ Էլիոթ,— ասում եմ,— և ես ուզում եմ իմանալ այն, Գանտի ընտանիքն իրավունք ունի իմանալու։ Ինչքա՞ն է մնում ամուսնուս ապրելու,— հարցնում եմ ու նայում ուղիղ աչքերի մեջ։ Բայց Էլիոթը ետ ընկավ աթոռին ու սկսեց ծիծաղել։

— Ինչքա՜ն է մնում... անհոգ եղեք, նա մեզ էլ ճանապարհ կգցի. ու հավատա, էդ մարդու ասածի մեջ ճշմարտություն կար։ Նա ինքը տեսքով տղամարդ էր, էն ամենալավ տարիքում, ո՞ւմ մտքով կանցներ... Նույնիսկ Վուդրոու Վիլսոնին նայելու համար նրան էին հրավիրում։ Անթիվ մարդկանց կյանք էր փրկել, բայց որ հերթը հասավ իրեն, բան չկարողացավ անել։ Բժիշկները ձեռքներից եկածն արեցին, ամեն հնար մեջտեղ բերեցին, բայց ի՞նչ օգուտ, էն մարդը վերցրեց ու մահացավ, հորդ մեռնելուց երկու տարի հետո գնաց։ Ես էլ Մակգայրին ասացի.— Էդպես է, պարոն Մակգայր, որ ժամանակը գալիս է, էլ փրկություն չկա, չգիտեմ ինչ բան է դա, բայց մի զորավոր ուժ կա, ու որ նա կանչում է, բոլորս էլ գնում ենք։

— Այո,— ասաց,— ճիշտ ես ասում, մի բան կա, որ մեզ տրված չէ հասկանալ։

Մի տարի չանցած Մակգայրն էլ մեռավ, էնքան խմեց՝ մեռավ, էն կնիկն էր մեղավոր։ Հիվանդանոցի նեգրը Լյուկին պատմել էր. «Գիշերները հարբում էր ու հսկա արջի պես չորեքթաթ բարձրանում աստիճաններով։ Առավոտներն էլ միշտ վիրահատություն ուներ։ Ստիպված նստեցնում էի սառը ջրով լի թասը, մեջն էլ սառույցի կտորներ գցում, հետո էլ պառկեցնում տեղը»...

Ինչ էի պատմո՞ւմ, հա, Էլիոթն ասում էր.— Գլուխ չեմ հանում՝ ինչն է ձեր ամուսնուն ուժ տալիս։ Մի բան հաստատ է, նա չորս ուժեղ տղամարդ արժի, մեջն էլ ավելի շատ կյանք կա, քան բոլորիս մեջ միասին վերցրած։

Ու ճիշտ որ, հորդ մի անգամվա կերածը ուրիշ մարդու տայիր՝ շունչը կփչեր։ Մինչև վերջին օրն էլ միանգամից ուտում էր երկու դյուժին ոստրե, մի ամբողջ տապակած հավ, խնձորով կարկանդակ, սրճամանն էլ երեք անգամ դատարկում էր։ Ես հորդ գիտեմ֊չգիտեմ էդպես էր. հետն էլ հազար տեսակ բանջարեղեն, կարտոֆիլ, լոբի, սիմինդր ու սպանախ էր ուտում։ Բժիշկ Էլիոթը հենց սկզբից ասաց, որ բան չի հասկանում։

— Մինչև հիվանդանոց տեղավորվելը հետևեք, որ ճիշտ սնվի,— խորհուրդ էր տալիս ինձ։

— Բա ոնց,— ասում եմ,— ինքը խոստացել է, մենք էլ մեր հերթին կօգնենք։ Իսկ ի՞նչ եք խորհուրդ տալիս, որ ուտի,— հարցնում եմ,— հատուկ դիետա՞ է պետք։ Որ ոստրե ուտի, ի՞նչ կլինի որ։— Ոնց էր ծիծաղում Էլիոթը։— Լսեք,— ասում էր,— ո՞վ է տեսել հիվանդ մարդուն էդպիսի դիետա նշանակեն։

— Ախր շատ է սիրում,— բացատրում եմ,— սիրտն էլ ուզում է ուտի, միշտ հիշում է, թե տղա ժամանակ ոնց է դյուժիններով կուլ տվել. որ չթողնեմ, շատ կտխրի։

— Դե լավ,— ասում է Էլիոթը,— թող ուտի, նրան ուտելուց բան էլ չի պատահի, բայց լավ լսեք ինչ եմ ասում. ինձ ավելի շատ նրա խմելն է անհանգստացնում, հետևեք չխմի, հիվանդանոցում ես նրան հարբած չտեսնեմ։ Աստծո անունով սաստեք, ես ձեզ լավ գիտեմ,— ասում է,— դուք կարող եք համոզել, ասեք, որ մեկ էլ խմի՝ վերջը կգա, հայտնեք ձեր ամուսնուն, որ դա իմ կարծիքն է։

Պատմեցի հորդ, ասացի, որ ոստրե կարող է ուտել, բայց խմել չի կարելի,— ասացի.— թե չէ դիակդ տուն կբերեն։

— Ինչ ես խոսում, այ կնիկ,— վրա տվեց հերդ,— ես ոնց կարող է էդպես բան անեմ, ով ինձ ասի «խմի», պատուհանից դուրս կշպրտեմ, խմիչքի տեսքից զզվանքս գալիս է։— Էդպես խոստացավ, ու մենք էլ հավատացինք։ Բայց արի տես, որ հենց հաջորդ գիշեր քեֆը լավ տուն եկավ, էնքան էր խմել, չէր կարողանում ոտքի վրա կանգնել։ Էդ ժամանակ մենք միսիս Բարեթի տանն էինք մնում՝ հիվանդանոցից ոչ հեռու։ Հերդ որ հարբած տուն եկավ, մեղքս շատ տվեց էդ կնկան, բարի, աստվածավախ, ժամասեր ու շատ խելոք կին էր, աղջկա հետ էր ապրում, փեսան մի ուրիշ կնկա հետ փախել էր։ Ու քո հերը առավոտ գիշերով ներս է ընկնում էս խեղճի տունը, ուշունց տալով, հարայ֊հրոցով, հետն էլ գոռում է, թե՝ «սա տուն չէ, անառականոց է, հլա աղջիկներին բերեք»։

Բոլոր կենվորներն արթնացան ու վրա հասան՝ տեսնեն ինչ է կատարվում։ Միսիս Բարեթը՝ կիսահագնվել, մենակ գիշերանոցով, ծեծում էր մեր դուռն ու աղաչում.

— Ախ, տիկին Գանտ, լռեցրեք ձեր ամուսնուն, թե չէ նա ինձ կկործանի, դուրս տարեք նրան, իմ տանն այսպիսի բան երբեք չի եղել, ուրիշներն իմանան՝ խայտառակ կլինեմ։— Իր թոռներին միսիս Բարեթը քշել էր կտուր, ու սրանք էնտեղ կապիկների պես ծվարել էին, մարդիկ էլ մի գլուխ փսփսում էին ու նայում մեր կողմը։

Բենս իրեն էնպես նվաստացած էր զգում ու էնպես վիրավորված հոր փոխարեն։

— Որ մեռնի էլ,— ասում էր,— նրան տեղն է։ Էսօրվա արածներից հետո մեղքս անգամ չի տա։— Հորդ գրպաններում փնտրեցի ու թաքցրած շիշը գտա. մի քիչ որ անցավ, սկսեց խմելու բան խնդրել։

— Չէ,— ասացի,— սիրելիս,— էլ ոչ մի կաթ, դու հիվանդ մարդ ես, որ էսպես գնա՝ ոտներդ կտնկես։

— Պետքս չի,— ասում է,— լավ է հիմի մեռնեմ, քան էսքան տանջանքը քաշեմ։— Ու նորից սկսեց գոռգոռալ, թե խմելու բան տվեք, բայց տվողն ո՞վ էր։ Շիշն իմ ձեռքով վերցրեցի ու դատարկեցի, ինքն էլ քնեց վերջապես։ Ես էլ շորերը հավաքեցի ու սնդուկում պահեցի, որ տանից դուրս չգա։ Թողեցինք մի լավ քնի, ու որ մյուս օրը զարթնեց, ոնց որ թե լավ էր։ Ուտել չէր ուզում, ասում էր. «Ուտեմ՝ կվատանամ», զոռով տաք սուրճ խմեցրինք, միսիս Բարեթը բերեց։ Իսկական քրիստոնյա կին էր՝ բարի, գթասիրտ, հայրդ էլ շատ անհարմար զգաց իրեն էդպես պահելու համար։ Իրիկունը որոշեցինք հորդ էլ մեզ հետ տանենք ճաշարան, բոլորս էլ սոված էինք։ Իսկ նա, թե՝ «չէ, դեռ թույլ եմ, դուք գնացեք կերեք»։ Ասի՝ «գնանք երեխեք», մոտը խմելու բան չկար. եղած֊չեղածը թափել էի, տնից դուրս գալ էլ չէր կարող, շորերը՝ սնդուկում, սնդուկն էլ՝ կողպած։ Վերջը. ինքը մնաց տանը, մենք գնացինք ճաշելու։ Մի ժամ չանցած տուն եկանք, որ ի՜նչ... խմել փռվել է տեղաշորին ու գժի պես երգում է ինքն իրեն։ Բենս ասաց.— Մամ, բա ասում էիր եղած խմիչքը թափել ես։

— Էլի որ թափել եմ,— ասում եմ։

— Ուրեմն երկու շիշ է ունեցել, մեկը չես գտել, իսկ որ հիմա լավ հարբած է, էդ հաստատ։

— Վայ թե մեր գնալուց հետո է ճարել։ Մենք որ դուրս եկանք, էս սենյակում խմիչք չկար, ես ախր եղած֊չեղածը տակնուվրա արեցի։— Ինչ֊որ մեկը բերել է,— ասաց Բենս,— ու ես էս րոպեիս կպարզեմ թե՝ ով։ Արի միսիս Բարեթին հարցնենք, թե մեր բացակայության ժամանակ մոտը մարդ մտե՞լ է, թե չէ։ Խմբով իջանք ներքև՝ միսիս Բարեթի մոտ ու հարցրինք՝ հորդ մոտ հեչ մարդ բարձրացե՞լ է։

— Չէ,— ասում է,— էնտեղ մարդ ոտք չի դրել, աչքերս չորս արած նայել եմ, որ մարդ անցներ, հաստատ կտեսնեի։

— Չէ,— մտածում եմ,— էստեղ ինչ֊որ բան էն չի, պարտքս լինի լուծեմ էս հանելուկը։ Երեխեք, գնացինք,— ասում եմ Լյուկին ու Բենիս,— գնանք պարզենք՝ էս ինչ խորհրդավոր բաներ են կատարվում մեր տանը։— Բարձրացանք հորդ մոտ։ Նայենք, որ էլի է խմել, քանի մենք Բարեթի մոտ էինք, լավ կոնծել է։

— Էյ,— ասում եմ,— ո՞վ է քեզ համար խմելու բան ճարել։

— Ի՞նչ խըմմելու բան,— բռբռում է,— դու հո գիտես, ցավդ տանեմ, որ ես խմիչքի վրա նայողը չեմ։— Ու հալին էլ չի մնում, ուզում է ինձ պաչպչել, ձեռք է գցում, հա։ Սենյակը քարուքանդ արինք, խմիչքի հետք չկար։ Շատ որ գլուխ ջարդեցի, հասկացա... Թե ո՞նց առաջ էդ մասին չէի մտածել...

— Երեխեք,— ասում եմ ու աչքով անում նրանց,— իջնենք քաղաք, մի քիչ զբոսնենք։ Մի ժամից էստեղ ենք, ամուսնյակս, պատրաստվիր,— ասում եմ,— որ ժամը երեքին գնանք հիվանդանոց։— Հորդ էլ էդ էր պետք.— Գնացեք, գնացեք ման եկեք,— ասում է, մտքինն էն է՝ մենակ մնա, մի քիչ էլ խմի։

Կամաց իջանք իմ սենյակն ու դուռը փակեցինք։

— Այ մամ,— ասում է Լյուկը,— որ գնանք քաղաք, իրեն էլ մենակ թողնենք, էլի կհարբի, ախր նրան ինչ֊որ մեկը խմիչք է բերում, գնամ տեսնեմ ո՞վ է։

— Ոչ մի տեղ էլ չես գնա,— ասում եմ,— ո՞նց առաջ գլխի չէինք ընկնում։ Գաս Թոլիին գիտե՞ք, սենեկացին՝ հարբեցող անտերը, էստեղ է մնում՝ հորդ սենյակին կպած։ Նա էլ է բժիշկ Հոպկինսի մոտ հերթագրված հորդ պես, որոշել են երկուսով քեֆ անեն, կեղտոտի մեկը, նա է խմիչք ճարում։

— Ես դրա վիզը կքաշեմ,— ասում է ախպերդ ու ուզում է վերև վազի։

— Կաց,— ասում եմ,— կաց, դրա հախից մենակ ես կգամ։

Հինգ րոպե չէր անցել, դուռը բացվեց, հերդ սողեսող դուրս եկավ, ու էն լսեցի, որ Գաս Թոլիի դուռն է ծեծում, նա էլ հարցնում է, թե՝ «ձերոնք գնացի՞ն»։

Մի քիչ էլ սպասեցինք, մինչև երկուսով փակվեցին, ու բարձրացանք վերև։ Քշեցի ուղիղ դեպի Թոլիի սենյակն ու դուռը թակեցի։

— Էդ ո՞վ է,— հարցնում է Թոլին։

— Բաց՝ կտեսնես,— ասում եմ։

Թոլին դուռը բացեց ու սկսեց իշավարի վրես նայել։

— Էդ դո՞ւք եք, միսիս Գանտ,— ասում է,— ես էլ կարծում եմ երեխեքին զբոսանքի եք տարել։

— Հերիք եղավ,— ասում եմ,— ձեզ լավ ձեռ եք առել։

— Պարոն Գանտն ինձ մոտ է,— զզվելի, խռպոտ ձայնով բացատրում է ինձ, քիթն էլ կարմիր, բուշտ֊բուշտ, ոնց որ թթու դրած վարունգ։— Զրուցում ենք պարոն Գանտի հետ,— ասում է։

— Կզրուցեք, բա ինչ կանեք,— ասում եմ,— վախենամ ուրիշ բան էլ անեք։ Էդ ինչ տեսակ զրույց է, որ շունչս կտրվում է, ձեր զրույցի հոտից մարդու քիթ է թափվում։— Հո գիտես գարու արաղի կծու հոտը։— Մենք էլ ենք մեկ֊մեկ զրույց անում, բայց էդ օրը չենք ընկնում։ Լյուկն էլ իր կողմից թե՝ «սեղանին ձեր զրույցից մի շիշ էլ կա»։ Մի քիչ որ առաջացանք, տեսանք հերդ բազմել է սեղանի գլխին, արդեն կես ընկած շշից լցնում է, որ խմի։ Մեզ որ տեսավ, մի նայել նայեց, տեղում սառեցինք, հետո հայհոյանքի պոչը բռնեց, բայց որ ձեռքս գցեցի շշին, սկսեց խնդրել, թե՝ «մի կում տուր խմեմ»։

— Չէ,— ասում եմ,— դու հիվանդանոց ես գնում ու հենց հիմա ես գնում, հերիք եղավ։— Հորդ զսպելու միակ ձևը էդ էր։ Ես նրան լավ էի ճանաչում ու գիտեի, որ տանը մնա, գետնի տակից էլ լինի, խմիչք կճարի։— Հենց հիմա գնում ենք,— ասաց Լյուկը,— չգաս՝ զոռով կտանեմ, Բենը ինձ կօգնի։

— Մտքովս էլ չի անցնում,— ասաց Բենը,— ես նրա հետ էլ գործ չունեմ, ինչ ուզում է՝ թող անի։

— Որ թողնենք էստեղ,— ասում է Լյուկը,— էնքան կխմի, վերջը կգա։

— Թող գա,— չէր համոզվում Բենը,— որ ուզածն էդ է՝ թող գա վերջը, մեր հոգին էլ կազատվի։ Միշտ էլ իր ուզածն է արել ու մենակ իր մասին է մտածում։ Հիմա արդեն մեկ է, ինչ է լինում։ Ոնց էի ուզում, որ գանք էստեղ, մտածում էի՝ մի քիչ կցրվենք, կհանգստանանք։ Իսկ նա մեզ խայտառակեց թողեց։ Ձեզ դուր է գալիս՝ դայակություն արեք, ես գործ չունեմ։

Խեղճ երեխես դառնացած էր, մեր ճանապարհածախսը ինքն էր հավաքել կոպեկ֊կոպեկ, նոր, ընտիր կոստյում էր պատվիրել, իսկ հերդ էդպես վարվեց ու բոլորիս վշտացրեց։ Մտածում էինք՝ իրեն կտեղավորենք հիվանդանոցում, մենք մի քիչ ման կգանք, տեղ֊մեղ կգնանք։ Ինչ ման գալ։ Հորդ հսկելու համար մի ջոկ զինվոր էր պետք։ Էդ անգամ չէր ուզում հիվանդանոց գնալ, բայց որ տեսավ լուրջ ենք խոսում, Լյուկի հետ գնաց, շորերը բերեց՝ հագցրեցինք։ Ես էլ հավաքեցի հիվանդանոցի համար անհրաժեշտ իրերը՝ գիշերանոցը, խալաթը, հողաթափերը, հետո ման եկա, տեսնեմ՝ մաքուր շապիկ չունի, հագինը կեղտոտ էր, ինձ էլ էր ամոթ էդպես գնար բժիշկների մոտ, համ էլ փոխնորդ էր պետք։

— Ի՞նչ ես արել շապիկներդ,— հարցնում եմ,— վեց հատ դրել էի, հո չե՞ս կորցրել, ուր են։

— Իրենք վերցրին, իրենք,— ասում է լացակումած ու ո՜նց է հայհոյում,— թող վերցնեն, սրիկաները վերջին գրոշս էլ խլեցին, որ էս օրն ընկա, սրտիցս արյուն են ծծել դրանք, ինչ որ մնացել է, թող էդ էլ վերցնեն։

— Ինչ ես դուրս տալիս,— ասում եմ։

— Լվացքատանն են, մամ,— ասում է Լյուկը,— էն չինացիների մոտ։ Ես եմ տարել մի շաբաթ առաջ, գիտեի արդեն վերցրել է։

— Գնանք բերենք,— ասում եմ,— հո չենք թողնի անփոխնորդ գնա հիվանդանոց, մեզ էլ խայտառակ անի։— Հորդ էլ բան էր պետք։ Դուք գնացեք,— ասում է,— մինչև գաք՝ ես պատրաստ կլինեմ։— Մենակ որ մնար, էլի խմելու էր, պակասը լրացներ։

— Չէ, ամուսնյակս,— ասում եմ,— առանց քեզ ոտս տնից դուրս չեմ դնի։— Վերջը բոլորս միասին դուրս եկանք, Լյուկը հորդ հետ առջևից էր գնում, Բենս՝ ինձ հետ, հպարտ էր տղաս, ասում էր՝ «ճամպրուկը կտանեմ, բայց կողքով չեմ քայլի, քեզ հետ կգնամ»։

— Ո՞նց չես քայլի,— ասում էր Լյուկը,— ինչքան իմ հերն է, էնքան էլ քոնն է, ամաչո՞ւմ ես քեզ հետը տեսնեն։

— Հա,— ասում է,— ամաչում եմ, թող չիմանան, որ հերս է, ես ձեզ համար դայակ չեմ, ինչ ձեռքիցս գալիս էր՝ արեցի։

Վերջը, գնացինք լվացքատուն, աղյուսե հին, փոքր շինություն էր, հիվանդանոցից մի երկու թաղամաս ներքև. մտանք ներս, երկու չինացի կանգնած արդուկ են անում, էնպես են արդուկները տանում բերում՝ էլ դու սուս։

— Երևի էս է,— ասում եմ։

— Հա, մամ,— ասում է Լյուկը,— ես էստեղ եմ բերել։

— Ի՞նչ եք ուզում,— հարցնում է չինացին։

— Շապիկս եմ ուզում, գրողը քեզ տանի,— գոռում է հերդ։

Իսկ չինացին վրա է տալիս.— Տոմակ, տոմակ...

Հերդ, իհարկե, բան չի հասկանում.— Գլուխդ ուտի տոմակը,— գոռում է,— շապիկներս տուր։

— Սուս կաց,— ասում եմ,— մի անհանգստանա, եթե շապիկներդ իսկապես էստեղ են, կտան։

— Էնքան որ ինձ հասկացնեք՝ ինչ եք ուզում,— խնդրում եմ չինացուն։

— Տոմակ, տոմակ,— ասում է։ Պարզ էր, որ էդ մարդը ինչ֊որ բան էր ուզում։

— Դեռ չե՞ք լվացել շապիկները։ Ինչ կա որ,— մտածում եմ,— կարող է չեն հասցրել, բայց մի շաբաթ ի՞նչ էին անում։

— Չէ,— ասում է,— լվացրել ենք, տոմակ֊տոմակ,— հետո ինչ֊որ բան ասաց էն մյուս չինացուն, ու երկուսն էլ սկսեցին իրենց անդուր լեզվով ճղճղալ։

— Հերիք եղավ,— ասում է հերդ,— ես հիմի սրանց բլբլոցին վերջ կդնեմ։— Ում մտքով կանցներ, որ բանն էստեղ է հասնելու։

— Կաց,— ասում եմ,— դու մի խառնվի, հիմի կպարզենք ինչ ինչոց է։ Թե դու էստեղ շապիկ ունես՝ կվերցնենք։

Չինացիք արդեն իրար հետ էին վիճում, մեկը ոնց որ բացատրում էր էն մյուսին, որ մենք չենք հասկանում իր ասածը, որովհետև էն մյուսը թղթի մի կտոր հանեց՝ վրեն էլ ոնց որ հավի ճանկեր գծած լինեին ու բլբլաց՝ տոմակ֊տոմակ...

Իսկույն գլխի եմ ընկնում, ոնց էլ չէինք հասկանում, տոմսակ են ուզում, տոմսակ։

— Այո,— ժպտաց չինացին,— տոմակ ենք ուզում։

— Էս րոպեիս,— ասում եմ,— հիմի գտնենք քո «տոմակը»։— Ոնց էլ գլխի չէի ընկնում, ինչ է ասում խեղճը, հորդ գոռգոռոցը կթողնե՞ր մարդ բան հասկանա։

— Հանձնելուց քեզ տոմսակ են տվել, այ մարդ, մո՞տդ է։

Իսկ նա, թե՝ տոմսակ֊մոմսակ չգիտեմ, շապիկներս եմ ուզում։

— Քեզ ասում են՝ տոմսակ պիտի լինի,— բացատրում եմ,— ինչ ես արել, կորցրե՞լ ես։

— Ինձ տոմսակ չեն տվել,— մռթմռթում է։

— Ոնց թե չեն տվել,— ասում է Լյուկը,— ես քեզ տվեցի, չե՞ս հիշում, ո՞ւր է տոմսակը, ասա, քեզ հետ եմ,— ու սկսեց ցնցել հորը,— մի մռթմռթա, տոմսակը տուր,— խեղճ երեխեն շատ էր վրդովվել հոր արածից։ Ման եկանք գրպաններում, ինչ կար չկար խառնշտեցինք, ոչ տոմսակ, ոչ բան։

— Ինձ լսիր,— ասում եմ չինացուն,— պարոն Գանտը տոմսակը մոռացել է տանը, շապիկները հիմա տվեք, հետո տոմսակը կգտնեմ կբերեմ։ Ուզում էի իբր համոզեմ։ Իսկ նա, թե՝ «ոչ, էդպիսի բան չենք կարող անել», հետո սկսեց ինչ֊որ բան բլբլացնել, որ իբր չգիտի շապիկներն ուր են, ու առանց տոմսակի չի կարող գտնել։ Իր բլբլոցով իրեն փորձանքի մեջ գցեց, որովհետև հերդ հարձակվեց վրան ու վզից պինդ բռնեց։— Քեզ հիմա շանսատակ կանեմ,— ու սեղանի էն կողմից խփում է էդ մարդուն։— Անզգամներ, դուք իմ վերջին կոպեկն եք խլել, մահվան դուռն եք ինձ հասցրել, բայց մինչև գնալս ձեզ էլ գերեզման կիջեցնեմ...

Բենն ու Լյուկը ետ քաշեցին, որ վնաս չտա, բայց արդեն ուշ էր։ Չինացին ճղճղալով իրեն դուրս գցեց ու վերադարձավ ոստիկանի հետ։

— Այս ի՞նչ է կատարվում,— հարցնում է ոստիկանը։

— Ինձ թալանել են,— գոռում է հերդ,— իրենց կեղտոտ, անզգամ տեղով ուզում են ինձ կործանեն։— Որ էդպես շարունակեր, վերջներս լավ չէր լինի, Լյուկս բռնեց նրան, թե՝ սուս մնա, թե չէ հիմի էլ բանտ կընկնես, հերիք եղավ։

— Բան էլ չկա, պարոն ոստիկանապետ,— ուզում եմ աչքը մտնեմ, էլի,— ամուսնուս ուզում ենք հիվանդանոց պառկեցնել,— էս էլ դիտավորյալ եմ ասում, որ իմանա հիվանդի տեր ենք,— եկել ենք սպիտակեղենը վերցնենք։

— Բա ի՞նչ է պատահել, չե՞ն տալիս,— հարցնում է։

— Հասկանո՞ւմ եք, պարոն ոստիկանապետ, սրանք ամուսնուս տոմսակ են տվել, իսկ նա ոնց որ թե կորցրել է, այսինքն դեռ չենք գտել, բայց շապիկներն հաստատ էստեղ են, տղաս է բերել մի շաբաթ առաջ։

Ոստիկանը նայեց Լյուկին, դե դու էլ գիտես, մենակ նրա տեսքը ինչ ասես արժի. երեխես սիրուն, նավաստու համազգեստով էր, Նորֆոլկից հատուկ թույլտվություն էր խնդրել, որ գա մեզ հետ։ Միսիս Բարեթը միշտ ասում էր՝ այ լավ տղա, մարդ նայում է, քեֆը գալիս է, քանի այսպիսի տղաներ ունենք մեզ պաշտպան՝ մեր երկրին բան չի լինի։

Հա, իսկ Լյուկս ասում է.— Այո, պարոն կապիտան,— էդպես է ասում, որ սա լավ զգա,— շապիկներն այստեղ են, անցյալ շաբաթ ինքս բերեցի, բայց հայրիկս պատահմամբ կորցրել է տոմսակը։

— Որ շապիկները տեսնեք, կջոկե՞ք որն է ձերը,— հարցնում է ոստիկանը։

— Վո՛ւյ, ոնց չեմ ջոկի,— ասում եմ,— մութ տեղն էլ կգտնեմ, հեչ որ չլինի՝ չափից կհասկանամ։ Ինքներդ մտածեք,— ասում եմ,— էս լվացքատանը ամուսնուս հագով ուրիշ շապիկ դժվար թե ճարվի։

Ոստիկանը նայեց հորդ ու սկսեց ծիծաղել.— Ճիշտ որ,— ասում է,— արի կլինի, դուք գնացեք ներս ու փնտրեք շապիկները, իսկ ես այստեղ կսպասեմ մինչև գտնեք։ Էդպես էլ արեցինք։ Ես գնացի ներս, իսկ նա սպասեց մինչև դուրս եկա։

— Ահա,— ասում եմ,— ամենատակն էին դրած, մի հիսուն փաթեթ բացեցի, մինչև գտա,— էս բոլորը, իհարկե, չինացոց դուրն էնքան էլ չեկավ, էնպես էին կատաղած մեզ նայում։ Որ ոստիկանը չլիներ, ես վայ թե վախենայի դրանցից. էդ տեսակ մարդիկ ինչի ասես ընդունակ են, մանավանդ որ հերդ էլ չէր ուզում սսկվել ու վրաները գոռում էր։

Հետո, որ հորդ արդեն պառկեցրել էինք, Լյուկին ասում եմ.— Ինչ լավ եղավ, էդ բնից դուրս եկանք, հեչ դուրըս չեկան էդ չինացիք, էնպես են նայում՝ մարդ փշաքաղվում է։

— Հա,— ասում է Լյուկը,— հայրիկը ճիշտ էր էլի ասում, դրանցից ինչքան հեռու մնաս, էնքան լավ։

— Հայրդ միշտ էլ ունեցել է էդ զգացողությունը, տղաս, վստահ եմ, որ մի բան կա, ու մենք չենք հասկանում։ Վաղուց, շատ վաղուց էս նույն բանը ես Ամբրոզ Ռադիկերին էլ ասացի։ Նա էլ համաձայնվեց.— Հա,— ասաց,— որ պարոն Գանտը չինացիներին հիշում է, թող ու փախի։ Ես, օրինակ, չգիտեմ ինչպես վարվեմ հետը։

— Ասեմ քեզ ինչպես, իմ ամուսնուն խմիչք մի ծախի ու վերջ։ Փորձանքի մեջ չընկնելու մենակ մի ձև կա՝ փորձանքից հեռու մնալ։

— Ճիշտ ես,— ասում է։

— Որպես ի՞նչ պիտի դիմանաս մարդուս գժություններին։ Էդքան ուժ չունես, որ ստիպում են չուզածդ բանը անել։

— Ես ի՞նչ մեղք ունեմ,— ասում է Ամբրոզը։

— Ոնց թե ինչ, որ մեկ էլ գա, խմելու բան մի տուր, ուրիշ ոչ մի մեղք չունես։

— Որ իրեն չտամ, ի՞նչ, Էլայզա,— ասում է։— Փողը կտա Ռուֆ Փորթերին ու կճամփի մոտս։ Իմ համար ավելի լավ է փողը մենակ իր վրա ծախսի, քան էդ գինեմոլին խմեցնի։

— Ոնց թե,— ասում եմ,— էդպես բան էլ է՞ եղել։

— Բա ոնց, միշտ էլ էդպես է անում. Ռուֆը գալիս է ու պարոն Գանտի համար խմիչք առնում, հետո երկուսով նստում՝ արհեստանոցում խմում են։

— Այ թե ինչ,— ասում եմ,— այ թե որտեղ է շան գլուխը թաղված... Սրիկա, ասա մարդուս բուռն է հավաքել, էլի, միշտ խմիչք է բերել, սա էլ ասածն արել է։

Էդ օրը հերդ գործից տուն եկավ ու պատմեց, որ Մել Փորթերը եկել է արհեստանոց՝ իր մոտ ու հեչ տրամադրություն չի ունեցել, որովհետև իր պաշտպանյալներին որոշել են կախաղան բարձրացնել։

— Հեչ էլ չեն բարձրացնում,— ասում եմ հորդ,— որ Փորթերի թշվառական եղբորն էլ կախեին, չէր խանգարի։

— Էդպես մի խոսի,— ասում է,— չեմ ուզում, որ դու էդպես բաներ ասես։— Ինչ ասեմ, հերսս ելած էր էդ ժամանակ։

— Մեղքս շատ տվեց Մելին,— ասում է հերդ,— էդքան տանջվեց, չարչարվեց, ու արի տես, որ հինգին էլ կախում են։

— Թող մեղքդ շատ չտա,— ասում եմ,— իսկ որ էդ պատմությանը հավատացել ես, ուրեմն ինձնից միամիտ ես։ Մել Փորթերի մասին ինձնից շատ բան դու չես իմանա։ Դու էսօրվա օրը լավ հիշիր, նրան ուրիշ ցավ է կպել։

— Ճիշտ չես ասում,— չէր համաձայնվում հերդ։

— Շատ լավ,— ասում եմ,— թող հլա մի ժամանակ անցնի՝ կտեսնես։

Հենց նույն գիշեր էդ մարդիկ բանտից փախան՝ հինգն էլ։ Ու ոչ մեկին չբռնեցին։

— Ես քեզ ի՞նչ էի բացատրում,— ասում եմ հորդ,— իսկ դու միամիտ֊միամիտ հավատացել էիր, թե Մել Փորթերին նրանց կախելն էր մտահոգում, հիմա հասկացա՞ր։

— Հա, իսկապես, դու ճիշտ էիր ասում,— ուրեմն նա գիտեր, որ փախչելու են։

— Բա իհարկե գիտեր, նրան վաղուց հայտնի էր, որ գիշերով փախչելու են, ու վախենում էր հանկարծ բան պատահի՝ էլի արյուն թափեն, դրանք իրենց գլխներից ձեռք քաշած, արնախում մարդիկ էին, ու եթե իրենց ճանապարհին մեկը կանգներ, առանց երկար֊բարակ մտածելու կվերացնեին մեջտեղից։ Դրա համար էր Մել Փորթերի խիղճը տանջում։

Մի օր էլ հերդ եկավ, թե՝ «Դոկ Հենզլին էր եկել մոտս ու առաջարկում էր երկու տոմս վերցնեմ, որ գնանք նայենք, ոնց են դրանց կախում»։ Դու մենակ մտածիր, կես տարի առաջ անբաժան ընկերներ էին, իսկ հիմա Դոկը սպասում էր, թե երբ են իր ընկերներին էն աշխարհ ուղարկելու։ Էդ Միրզը, Լորենս Վեյնն ու Դոկ Հենզլին քսան տարվա մոտ ընկերներ էին։ Ճիշտն ասած՝ Հենզլին նրանցից ոչ մի բանով պակաս չէր, բոլորն էլ նույն սանրի կտավ էին՝ թոկից փախածները։ Դոկ Հենզլին նրանցից քիչ արյուն չի թափել, ինքն էլ գիտի։ Տարբերությունն այն է, որ Հենզլին անունով ընտանիքից էր, ու օրենքը նրան պաշտպանում էր։ Ռիզ Մակլենդոնին էլ նա էր սպանել, բայց դատարանը արդարացրեց նրան, որպես թե ինքնապաշտպանության է դիմել ոստիկանական իր պարտականությունները կատարելիս։ Այնինչ մտածված սպանություն էր։ Ճիշտ է, Ռիզը ահավոր ուժեղ մարդ էր, որ խմում էր՝ աստված հասներ, նրա ձեռքով էլ ահագին մարդ փչացավ, բայց նա Հենզլիի մոտ ընկերն էր, իրար հետ շատ լավ էին, մինչև որ Ռիզին նստեցրին հարբած վիճակում գտնվելու և կարգուկանոնը խանգարելու համար։ Ասում էին՝ էնքան է աղմկում, մինչև բանտախցից հանում են, ամբողջ հրապարակով նրա գոռգոռոցն ու հարայ֊հրոցն էր, վերջը տանում են գետնահարկի խցերը. հին խցեր էին՝ կեղտոտ հատակներով, մի ժամանակ քաղաքի ախոռատունն էր։ Մի օր Հենզլին գնում է, որ իբր հասկացնի Ռիզին, բայց իր պատմելով Ռիզը ախոռից մնացած մի հին պայտ է ձեռքին ունեցել, ու հենց ինքը ներս է մտել, հասել է, որ գլխովը տա։ Էնպես որ, Հենզլիի ասելով, կյանքի ու մահու հարց է եղել, դրա համար էլ պայտը Ռիզի ձեռքից իսկույն խլել է ու ամբողջ թափով հասցրել նրա ճակատին։

Հետո, արյան մեջ կորած, վերև է բարձրացել ու մարդկանց ասել.— Գնացեք բժիշկ բերեք, բայց ոնց որ թե սպանեցի Ռիզին։

Բժիշկը գալիս է ու ասում, որ էլ ոչ մի բան տուժածին չի օգնի։ Նրա կարծիքով, Ռիզին ոչ թե մեկ, այլ մի հարյուր անգամ էին խփել, գլխի մի կողմը լխկել էր, ինքն էլ արյան մեջ ճղփում էր։ Ասում են՝ ահավոր բան է եղել։ Հայրդ էլ էր գնացել Հենզլիի դատին։ Հետո տուն եկավ ու ինձ ասում է.— Կյանքումս Զեբ Փենթլանդի ելույթին հավասար բան չեմ լսել։ Քո զարմիկը,— ասում է ինձ,— դիմեց երդվյալ ատենակալներին՝ պահանջելով պատժել Հենզլիին։ Չտեսնված բան էր,— ասում էր հայրդ,— ափսոս ներկա չէիր։

— Իսկ ի՞նչ որոշեցին,— հարցնում եմ,— նստեցնո՞ւմ են։

— Չէ մի,— ասում է,— կազատեն, կազատեն որպես ինքնապաշտպանության դիմած քաղաքացի, բայց մեկ է, չէի ուզենա էսօր Հենզլիի տեղը լինել։ Նա էլ կյանքում չի մոռանա Զեբ Փենթլանդի խոսքերը, երեսին գույն չէր մնացել։ Զեբն ապացուցեց, որ Հենզլին ոստիկանատանը ծառայելու տարիներին տասնութ մարդ էր սպանել։

— Դուք ոստիկանի համազգեստ, օրենքի ուժ և իրավունք եք տվել մի մարդու, որ ոչ խիղճ ունի, ոչ գութ. զենք եք տվել մեկի ձեռքը, որի համար մարդկային արյուն թափելն ու ճանճ սպանելը նույն բաներն են։ Դուք, պարոնայք երդվյալ ատենակալներ,— ասում էր Զեբը,— ազատ եք արձակում այս կատաղած գազանին, որ շարունակի հոշոտել ու ավերել, սպանել անմեղ ու անպաշտպան մարդկանց։ Նայեցեք նրան, Կայենի դրոշմը ճակատին կծկվել ու դողում է, ձեռքերը կարմիր են ներկվել անմեղ մարդկանց արյունից։ Նրա զոհերի ձայները դեռ չեն լռել, ու նրանց արյունը, եթե խոսել կարողանար, կճչար, որ ըստ արժանվույն պատժեք նրան, կճչար նրա մեղքով այրիացած ու որբացած մարդկանց ձայնով։

Հերդ ասում էր, որ էս խոսքերից հետո Հենզլին գույնը էնպես էր գցել ու դողացրել, ոնց որ մեռելները հարություն էին առել ու ընկել ետևից։ Էս բոլորը հեչ, Հենզլիին, իհարկե, ազատեցին։ Բայց ես, տղաս, ճիշտն ասած սիրտ էլ չէի անում մոտենալ Հենզլիին դեռ էն օրվանից, երբ որ մեզ իր տուն ճաշի էր հրավիրել։ Էսպես բան ո՞վ էր տեսել. Աստված, ճաշի սեղանի ուղիղ մեջտեղը գանգ էր դրել.— Էդ էն Նեգրի գանգն է,— բացատրում էր մեզ,— որ մի կրակոցով սպանել եմ։

— Աստված,— ասում եմ հորդ,— գոնե էնքան շնորհք չունի՝ հյուրերի մոտ չասի, մարդիկ իր տուն հաց ուտելու են եկել, կամ էլ երեխեքից թաքցնի, չէ, հլա որ ուզում ես իմանալ, երեխեքը էդ գանգը որպես շաքարաման էին գործածում։ Էնպես էլ գլուխ էր գովում, ոնց որ արածը մեծ բան էր։ Գանգի վերևի մասը սղոցել էր, որ կափարիչ ունենա, գնդակի ծակած տեղից էլ շաքարավազն էր լցնում թեյի մեջ։ Մարդու սիրտը ետ կգա էդպես բաներից, իսկի մի պատառ բան չկարողացա բերանս դնել։ Որ դուրս եկանք, հորդ ասում եմ.— Ես էս մարդու հետ չեմ ուզում գործ ունենալ, ոտքս էլ նրա տունը չեմ դնի, էդ գանգը որ տեսա, արյունս սառեց։— Նա վերջում ինքնասպան եղավ, մենք Գիլմերից իմացանք, էդ ժամանակ նա Հենզլիի տանն էր մնում ու մեզ ամեն ինչ պատմեց։

— Ահավոր տեսարան էր,— ասում էր,— ես առաջինը վրա հասա, ընկել էր կիտած աղյուսների ետևում. սկզբում չճանաչեցի ով է. գլխի վերևի մասը ցրիվ էր եկել, ահավոր բան էր, ահավոր։

Իսկ ես ասում եմ.— Զարմանալու ի՞նչ կա, էդպես էլ պիտի լիներ, սուր հանողը սրից է ընկնում։ Խիղճը տանջում էր, դրա համար էլ ինքն իր վրա ձեռք բարձրացրեց, էդքան արյունը, որ նա էր թափել... Հենզլիի աղջիկը՝ Էմին, ինստիտուտում մեր Դեյզիին ասել էր.— Չենք իմանում ինչ անենք, հերս ոնց որ խելքը թռցնում է, գիշերվա կեսին մեկ էլ վեր է թռչում ու սկսում գոռգոռալ։ Վախենում ենք խելագարվի։

— Էդպես է,— ասում եմ հորդ,— մեղավորը սկսում է փախչել, երբ ոչ ոք չի հետապնդում։

— Նա փախչելու պատճառներ շատ ունի,— ասում է հերդ,— խելքը կթռցնի, բա ոնց. էդքան մեղքը մոռանալ կլինի։ Խիղճը ուրիշ բան է։

Ահագին ժամանակ Հենզլին, ոնց որ թե լավ էր, ծառայությունը թողել ու դարձել էր մոլի հավատացյալ, տեղի մեթոդական եկեղեցու նեցուկն էր, ամեն կիրակի եկեղեցի էր գնում աղոթելու։ Քաղաքի մեջ ման էր գալիս շքեղ մեքենայով, իրեն էլ մեծ բանի տեղ էր դնում։ Էդ ընթացքում ահագին փող սարքեց։ Երբ որ Բրայենից մեր հողամասն առա, ինձ ասաց, որ Հենզլիի հետ մի երկու գործ է արել ու շատ գոհ էր. մի գլուխ պարծենում էր.— Հենզլին շատ ուղիղ տղա է, էդքան գործ եմ ունեցել հետը՝ մի անգամ մի կոպիտ խոսք կամ անպատշաճ բառ նրա բերանից չեմ լսել։

Ես լսում եմ ու ձայն չեմ հանում։ Մենակ ինքս ինձ ասում եմ՝ ճիշտ որ հիմի ուրիշ ժամանակներ են։

— Ճիշտ եմ ասում,— չէր հանգստանում Բրայենը,— էդքան գործ եմ ունեցել հետը, մի անազնիվ բան նրա կողմից չեմ տեսել։ Կհավատա՞ք, ամեն կիրակի գնում է եկեղեցի։ Իր ասելով ոչ մի կրթություն էլ չունի. Սուրբ Գիրքը անգիր է արել, Աստվածաշունչը նրա պես ոչ ոք չգիտի։ Ինքս եմ ստուգել։ Մեր օրերում գործի մարդիկ հազվադեպ են հետաքրքրվում հոգևոր բաներով։ Մեր համայնքին նա պատիվ է բերում։

— Ճիշտ եք,— ասում եմ,— բայց դուք վերջերս եք եկել, ու մեր համայնքում բաներ կան, որոնցից դուք տեղյակ չեք։ Կար ժամանակ, երբ Դոկ Հենզլին առանձնապես պատիվ չէր բերում մեր համայնքին։

— Էդ ե՞րբ էր էդ ժամանակը,— հարցնում է։

— Ո՞վ իմանա,— ասում եմ ու աչքով անում,— վաղուց էր, չեմ հիշում. ի՞նչ պետք է անցած֊գնացած բաները քրքրել։ Էն ժամանակ դուք նոր սկսել էիք ձեր թեկնածությունն առաջադրել նահանգապետի համար։

Էս խոսքիս վրա Բրայենը սկսեց քահ֊քահ ծիծաղել.— Ճիշտ որ,— ասում է,— էդ շատ վաղուց էր, կարող եք չշարունակել, բայց որ ուզենայի որևէ բան իմանալ՝ կհիշեի՞ք։

— Կարող է և հիշեի,— ասում եմ,— ես պարծենկոտ կին չեմ, բայց բոլորն էլ ասում են, որ հիշողությունս լավ է։

— Այո, այո, գիտեմ,— ասում է Բրայենը,— անցյալ օրը կնոջս ասում էի՝ ուղղակի հրաշալի է, որ տիկին Գանտը այդպես հետաքրքրվում է օրվա անցուդարձով, իսկ իր կյանքի բոլոր մանրամասները հիշում է առանց բացառության։

— Էդ մեկը չափազանցնում եք,— ասում եմ,— որոշ բաներ, իհարկե, մոռացել եմ, բայց երկու տարեկանիցս սկսած վայ թե ամեն բան իր կարգով հիշում եմ։

— Հավատում եմ, հավատում,— քռքռում է Բրայենը։

— Ես չէի ուզում Հենզլիին վիրավորել,— ասում եմ,— մարդուն մեղադրելուց հեշտ բան չկա, պարոն Բրայեն, մենք բոլորս էլ մեղքի տեր ենք։

— Այո, ճիշտ եք, տիկին Գանտ,— ասում է,— պետք է մեծահոգի և ներողամիտ լինենք։

Որ ուզենայի, Հենզլիի մասին շատ բան կպատմեի, բայց ախր մյուս կողմից բոլորն էլ գիտեին, որ նա իսկական ընտանիքի մարդ էր ու լավ հայր։ Ինչ էլ արած լինի, անբարոյականությամբ երբեք չի զբաղվել։ Դատի ժամանակ ուզեցել էին էդ մեղքն էլ վրան բարդել, որ, իբր, իր կողակցին թողած՝ ուրիշ կանանց ետևից է ընկել, բայց բան դուրս չեկավ, էն մարդը բարոյական մարդ էր։

Հայրդ մի օր Հենզլիին ասել էր.— Դուք Էդի ու Լորենսի հետ քսան տարվա ընկերներ եք եղել, ձեռքդ ոնց կգնա նրանց կախես։

— Հա,— ասել էր Հենզլին,— ահավոր բան է, բայց մեկը պե՞տք է անի էդ բանը։ Իմ գործն էլ էդ է, դրա համար են ինձ ոստիկան նշանակել։ Համ էլ,— ասում է,— Էդի ու Լորենսի համար ավելի լավ է ես լինեմ, նրանց հետ արդեն խոսել եմ։

Ու ճիշտ որ, ասում են Հենզլին գնացել էր բանտ նրանց տեսության, երեքով էլի սանձարձակություններ էին արել։

— Նրանց համար ավելի լավ է ես անեմ էդ բանը, քան օտար մարդ,— ասել էր Հենզլին։— Հա, ճիշտ է,— համաձայնվել էր հայրդ,— բայց ինձ թվում էր խիղճդ կտանջի, ախր դրանից հետո ո՞նց ես գիշերները քնելու։

— Ի՞նչ ես խոսում, այ մարդ,— ծիծաղել էր Հենզլին,— ինձ համար էդ հավի վիզը քաշելու պես բան է։

Խեղճ հերդ շշմել էր.— Այ քեզ մարդ,— ասում էր,— ոնց որ մեջը խղճի կտոր չլինի։

Էդպես էլ չպարզեցին, էդ երկուսի փախուստի մեջ Հենզլիի մատը խառն էր, թե՝ չէ, ես որ բան չհասկացա։ Հերդ մի օր տուն եկավ, թե՝ «Էդն ու Լորենսը փախել են։ Իզուր էինք Հենզլիին մեղադրում, նա գիտեր, դրա համար էլ էդպես հեշտ ու հանգիստ էր խոսում»։

— Դժվար թե,— ասում եմ,— որ նախօրոք իմանար, ինչի՞ պիտի գար մոտդ, ձևեր թափեր, մեզ էլ հրավիրեր, թե՝ եկեք նայեք։

— Կարող է դիտավորյալ էր եկել,— ասում է հերդ,— որ չկարծենք ինքը փախուստից տեղյակ է եղել։

— Չէ,— ասում եմ,— էդպես բան չկա, նրանց կախաղան բարձրանալը շատ էլ Հենզլիի ուզածով էր, էդ մասին որ մտածում էր՝ սրտին մի թիզ յուղ էր կանգնում։

Հերդ, մեկ էլ, իրենն էր պնդում. «Մարդ չի կարող էդքան անսիրտ լինել»։ Հետո իմացանք, որ Էդի ու Լորենսի փախուստը նախօրոք մտածված բան էր, ասում էին ինքը՝ բանտապահ Ջոն Ռենդն էր կազմակերպել. վրան, իհարկե, չհաստատեցին, կարող է և ազնիվ, խելքը գլխին մարդ էր, բայց, մեկ է, ինչ որ հավատալս չի գալիս։ Ջոն Ռենդին գտել էին Էդի բանտախցում՝ ձևի համար կապկպած, վրան մի նշան չկար, որ երևար՝ զոռով էին կապել։ Իր ասելով իրիկունը Էդին ու Լորենսին ընթրիք է տարել, մեկ էլ սրանք երկուսով հարձակվել են վրան, բանալիները խլել ձեռքից, ազատել մյուս երեք բանտարկյալներին ու միասին փախել։ Էն մյուս երեքը Էդի ու Լորենսի հետ կապ չունեին, շարքային հանցագործներ էին, մանր֊մունր բաներ, խելոք սպասում էին, երբ են իրենց կախելու, իսկ Էդը Լորենսին ասել էր. «Արի ձեռքներիս հետ սրանց էլ ազատենք»։

Ջոն Ռենդի անմեղ լինելուն մենք էնքան էլ չհավատացինք։ Ընդամենը կես տարում մեծ գործ սկսեց, զոդման մի մեծ արհեստանոց բացեց, որ ամենաքիչը մի 3֊4 հազար դոլար կարժենար։ Հորդ ասելով, Ջոն Ռենդին կաշառել էին։

— Շատ հնարավոր է,— ասացի,— ո՞վ էր տեսել ամիսը հիսուն դոլարի վրա նստած մարդը մեկ էլ էդպես գործ սկսի, էդքան փող նրան որտեղի՞ց, թող իզուր չփորձի մարդկանց գլուխները յուղել։

— Բայց նրան ո՞վ պիտի կաշառեր,— ասում էր հերդ։

— Ո՞նց թե, Էդի ու Լորենսի ազգուտակը Յենսիում է,— բացատրում եմ,— նրանք էլ հավաքել են փողը։

— Իսկ էդ մարդկանց փող որտեղի՞ց։

— Ունևոր մարդիկ են,— ասում եմ,— համ էլ դրանց ազատելու համար հագների շորերն էլ կտային։ Ես գիտեմ ինչ եմ ասում, ամբողջ կյանքս էդ մարդկանց մեջ եմ ապրել ու նրանց քեզնից լավ եմ ճանաչում, նրանց ճանապարհին կանգնողը դեռ չի ծնվել։ Ասում էին ահագին փող են ընկել դրանց ազատելու համար, մենակ դատավոր Տրումենը՝ պրոֆեսոր Տրումենի եղբայրը, տասը հազար դոլար էր ծախսել։ Էդն ու Լորենսը պրոֆեսոր Տրումենի աղջիկներին էին առել, նրանց դատավոր հորեղբայրը Յենսիի ամենահարուստ իրավաբաններից էր։ Էնպես որ,— ասում եմ,— դրանք ունևոր մարդիկ են ու քո խղճալու կարիքը չեն զգում։

— Ինչ որ է,— ասում է հայրդ,— գոնե լավ է գլուխները պրծացրին, հերիք է ինչքան արյուն թափվեց, ինչ պետք էր հիմա էլ դրանց կախեին։— Այ էդ մեկը սխալ ես,— ասում եմ,— դրանց կախելը ճիշտ կլիներ, շատ ափսոս, որ փրկվեցին։ Որ հիմա բռնեին ետ բերեին՝ լավ կլիներ, չնայած չեմ ուզում, որ արյուն թափվի՝ անմեղ, թե մեղավոր, մեկ է։

— Ես էլ չեմ ուզում,— ասում է հայրդ։

— Բայց դու գիտես, դու հո շատ լավ գիտես, որ էդ երկուսը շան պես մեղավոր էին, նրանց արածը անխիղճ, միտումնավոր սպանություն էր։ Դատի ժամանակ պատմում էին, որ էդ կիրակի երկուսով գնացել են թերթաքարի հանքերը, իբր թե նայելու՝ ոնց են բանվորները վերջնահաշիվ ստանում, բայց, իհարկե, ձեռքները քոր են գալիս կռիվ սարքելու համար։ Որ ուզածները փող լիներ, ասեմ թե՝ հա, բայց չէ, մտքներին տուրուդմբոց սարքելն էր, ուրիշ ոչ մի բան։ Երկուսն էլ հարբած էին, իսկ դրանք որ խմում էին՝ էլ դու սուս։ Սկսում են հանքատիրոջն անպատվել. նա խելքը գլխին, օրենքի հարկն իմացող մարդ էր. թույլ չեն տալիս, որ քարհատների վարձը տա։ Հենց էդ ժամանակ գալիս է Ջոն Բերգինը։— Տղերք,— ասում է,— ճիշտ բան չեք անում։ Լավ կլինի թողնեք գնաք էստեղից, քանի փորձանքի մեջ չեք ընկել,— իբր ուզում է սրանց խոսք հասկացնել։

— Գրողը տանի քեզ,— ասում է Լորենսը,— քո ի՞նչ գործն է։

— Իմ գործը չէ, բայց լավ չեք անում, համոզված եմ՝ վաղն առավոտյան վեր կենաք՝ փոշմանելու եք։

— Քո ինչ գործն է՝ էգուց վեր կենանք ինչ ենք անելու, բանիդ կաց։ Դու կարող է հեչ վեր չկենաս, գրողի տարած,— ասում է,— մռութդ էլ ոնց որ դուրըս չի գալիս, քանի ողջ ես, ռադդ քաշի էստեղից։

— Շատ լավ,— ասում է Ջոնը,— կգնամ, ես ձեզ հետ գործ չունեմ, ուզում էի ուշքի գայիք, հանուն ձեր կանանց ու երեխաների, բայց որ չեք ուզում՝ դուք գիտեք։— Էստեղ Ջոնը շուռ է գալիս, որ գնա, մեկ էլ Էդ Միրզը կրակում է, նայում է Լորենսին ու հարբած ժպտալով ասում է. «Որ էստեղից դրան խփեմ՝ կկպնի՞», ու կրակում, տալիս սպանում է էն մարդուն, թե ի՞նչ էր արել իրեն։

Հետո անցնում են հանքատիրոջն ու օգնականին, էդ երկուսին էլ էնտեղ են սպանում ու նոր պոչները հանքից քաշում են։ Ուզում էին էդ խեղճ մարդկանց գլուխն ուտել, ուրիշ ոչ մի դրդապատճառ էլ չունեին, ու դրանց արդարացում չկա։ Իսկ հայրդ ինձ ասում է.— Մեկ է, չեմ փոշմանել, որ էն ժամանակ դրանց էդ լավությունն արեցինք։ Հիմա քեզ պատմեմ, թե էդ ինչ լավություն էր...

— Ջույգ, զույգ... քսան֊քսան,— կանչում էին ձայները։ Էսօրվա պես հիշում եմ, սեպտեմբերի քսանյոթն էր, իրիկվա տասը չկար։ Միտքս եմ պահել, որովհետև դրանից երկու օր առաջ ամսի քսանհինգն էր, որ Ամբրոզի հետ զրուցում էի, լավ էլ հիշում եմ, էդ օրը հերդ էլի քեֆ էր արել, լուր էին ուղարկել, թե եկեք ձեր ամուսնուն տարեք։ Էդ ժամանակ էր, որ ասացի՝ «էլ վերջ, հերիք եղավ», ու գնացի էս անգամ ինքս պարզեմ ինչն ինչոց է։ Գնացի տեսա, որ Ամբրոզը ճիշտ էր ասում, հերդ ուզածիդ պես խմած, չինացոց ողջն ու սատկածը իրար է խառնել, էն խեղճ մարդկանց գլուխը տարել է։ Ամբրոզը, ճիշտ է, պանդոկապետ էր, բայց հորդ հետ ոնց որ ազնիվ վարվեց։

— Ձեռքիցս եկածն արել եմ,— ասում էր,— ու որ գիտենամ մի հնար կա, կգտնեմ, որ պարոն Գանտը չխմի։

Մի իրիկուն նստած ընթրում էինք, հայրդ էլ ինձ համար թերթ էր կարդում, մեկ էլ Ամբրոզը մոտեցավ ու ասաց հորդ.— Վիլ, հենց հիմա ինձ խոսք տուր, որ կթարգես, քո խմելը հեչ իմ սրտով չէ, էդ խելքի ու ձիրքի մարդն էլ խմի՞, ախր դու ինչի էլ ձեռք զարկես՝ կհաջողի։

— Բա ոնց,— ասում եմ,— գիտե՞ս ինչ գլուխ ունի։ Էստեղ նրա կեսի չափ ընդունակ մարդ չկա, անտեր խմիչքը որ չլիներ, նա շատ առաջ կգնար։ Ես մի բան հաստատ գիտեմ, խմել նա իմ հորանցից չի սովորել, հերս՝ մայոր Փենթլանդը, իր օրում մի կաթիլ բան չի խմել, ոչ էլ թույլ էր տալիս, որ հարբած մարդ իր տունը ոտք դնի։

— Գիտեմ, լսել եմ,— ասում է Ամբրոզը,— դու շատ լավ մարդ ես, Վիլ, մեր համայնքին պատիվ է քո նման անդամ ունենալը, երջանիկ լինելու համար ամեն բան ունես. հրաշալի կին, երեխաներ, տուն ունես, ձեռքիդ էլ էդպես լավ գործ կա։ Գոնե սրանց մեղքա, մի խմի։ Հայրդ խոստացավ, որ էլ չի խմելու, ու Ամբրոզը գնաց...

Ինչ որ ասում եմ հենց էդ գիշեր եղավ, սեպտեմբեր ամսի քսանյոթն էր։

— Զույգ֊զույգ, քսան֊քսան,— կանչում էին...

— Բան էլ չկա, այ կնիկ,— ասում է հերդ,— քեզ է թվում,— նայում է լուսամուտից դուրս ու նորից՝ բան էլ չկա։

— Շատ լավ էլ կա,— ասում եմ,— ախր ես պարզ լսում եմ, ոնց որ հիմա քո ձայնը, այ, էլի են կանչում, «զույգ֊զույգ», շշնջում է լուսամուտի կողմից, «քսան֊քսան»՝ կանչում է ականջիս։

Զանգերը տալիս էին՝ դատարանի զանգերը, էնպես էլ բարձր էին տալիս։— Աստված ջան,— ասում էի,— բան չպատահի՞, տեսնես ինչ է եղել։— Լսվում էր ոնց էին մարդիկ գոռգոռոցով, հարայ֊հրոցով վազվզում, հետո Բլեկի երկաթեղենի խանութում ջարդեցին ապակիները, որ զենք վերցնեն։ Հերդ էլ ձեռքը գցեց գլխարկին, թե՝ «գնամ տեսնեմ էս ինչ է եղել»։

— Մի գնա,— ասում եմ,— ինչ կլինի՝ մնաս տանը, ինձ էսպես ո՞նց ես թողնում գնում։

— Մի վախենա,— ասում է,— կես ժամից էստեղ եմ, քեզ ի՞նչ կա որ, բան էլ չի լինի կես ժամում։

— Չէ,— ասում եմ,— ոնց որ զգայի, որ մի վատ, շատ վատ բան է լինելու։

— Երանի չգնայիր,— ասում եմ, բայց հերդ հագավ ու դուրս գնաց։ Նայեցի ժամացույցին, տասին քսան էր պակաս։ Նստած սպասում եմ ինչ է լինելու, չգիտեմ ինչ, բայց որ լինելու է, զգում եմ, սպասում եմ՝ ականջս փայտե ժամացույցի ձայնին,— թոկ֊թոկ, թոկ֊թոկ,— հաշվում է ժամանակը՝ դանդադ֊դանդաղ, ամեն րոպեն՝ մի ժամ, սպասում էի, ժամը տասը խփեց ու մեկ էլ լսում եմ. ծառերի միջով ցանկապատի ճռռոցը գալիս, թեթև ընկնում է մարգերի վրա, հետո լուռ ու անձայն փորձում է խցկվել հյուրասենյակ։— Աստված ջան, ոնց որ մեկից գլխիս տային, նոր հասկացա։ Էստեղ են, եկել են, հիմի ես ինչ անեմ, երեխեքի հետ մենակ, ինչ անեմ էդ արյունախում մարդկանց։ Նոր գլխի ընկա էդ ձայներն ինչի էին ասում՝ զույգ֊զույգ, քսան֊քսան, ախր զգուշացնում էին մեզ՝ ինձ ու հորդ, որ քսան րոպեից գալիս են դրանք։ Գոնե մնար, ինձ լսեր ու մնար։

Ճարս կտրած վեր կացա, գնացի դեպի դուռը. ոնց էլ էդ վիճակիս ուժ ու կող արեցի, հեչ չհասկացա, տղաս, ես գիտեմ, թե վերևից մի զորավոր ոգի ինձ ուժ պարգևեց, որ կարողանամ դրանց երեսը տեսնեմ։ Գիշեր էր՝ աշնան գլուխ, մութը ծանրումեծ չոքել էր այգուն, անձրև էր եկել, դրսում ինչ կար֊չկար քար էր կտրել՝ սառել ու ծանրացել, դրա համար էլ ամեն բան պարզ լսվում էր, բայց հիմա դուռը բացել եմ, ու մի շշուկ անգամ չկա։

— Դե լավ, լավ,— կանչում եմ մթան մեջ,— իբր հեչ չեմ վախենում, էլի։— Գիտեմ, որ էդտեղ ես, Էդ,— ասում եմ,— ներս արի։

Ձայն չկա, բայց լսում եմ նրա ծանր շնչառությունը։— Ներս արի,— ասում եմ,— անպաշտպան կին եմ, վախենալու բան չունես, տանը մենակ եմ, ներս արի։ Էդպես եմ ասում, որ համոզեմ՝ գա, ու ոնց որ թե հպարտությունը խոցվեց, թաքնված տեղից դուրս եկավ ու մտավ սենյակ։

— Ես ոչ ոքից չեմ վախենում,— ասում է,— ոչ տղամարդուց, ոչ կնոջից։

— Իհարկե, չես վախենա,— ասում եմ,— ոչ էլ Ջոնին սպանելուց վախեցար, չէ՞, էդքան մարդու արյունը որ դուք եք թափել, ինչից պիտի վախենաք։

— Հա, Էլայզա,— ասում է,— չեմ վախենում, դրա համար էլ եկել եմ մոտդ, քեզ վստահում եմ, գիտեմ, չես ծախի, օգնիր ինձ, Էլայզա,— ասում է ու նայում ոնց որ թակարդն ընկած գազան. չէի ուզի որևէ մեկի աչքերն էդպես նայեին։ Աստված, լավ էր մեռնեի, քան դրան էդպես տեսնեի։ Մի բան ինձ համար պարզ էր։ Ինչ էլ Էդը արած լիներ, ես նրան ոստիկանության ձեռքը տվողը չէի։

— Մի վախենա, Էդ,— ասում եմ,— մարդու բան չեմ ասի։ Ընկերոջդ՝ Լորենսին էլ ասա՝ ներս գա։ Գիտեմ, հետդ է։— Էդը շշմած ինձ նայեց։

— Ի՞նչ ես խոսում, Էլայզա,— ասում է,— Լորենսը չի եկել, հետս մարդ էլ չկա։

— Ես գիտեմ, կա, թե՝ չէ,— ասում եմ,— թող ներս գա։

— Դու ի՞նչ գիտես հետս է,— ասում է,— ինչի՞ ես էդպես համոզված։

— Ինձ զգուշացրել էին, Էդ, ես նախօրոք գիտեի, որ երկուսդ էլ մոտս եք գալու։

— Ո՞վ էր զգուշացրել,— ասում է վախեցած,— ո՞վ գիտեր, որ զգուշացներ։

— Մի վախենա,— ասում եմ,— ոչ ոք չգիտի, որ դու էստեղ ես, իսկ զգուշացնողի մասին հեչ մի մտածիր։ Նա էս աշխարհից չի, ավելի պարզ չեմ կարող բացատրել, ինքդ մի օր կհասկանաս։ Էս խոսքիս վրա Էդի աչքերը չռվեցին։

— Չլինի՞ քեզ ոգիներն են զգուշացրել։

— Հա,— ասում եմ,— ոնց էլ իմացար, եկել էին, ականջիս կանչում էին, որ Լորենսն ու դու ճամփին եք ու քսան րոպեից էստեղ եք լինելու։

Էդը մնաց֊մնաց, հետո, թե՝ «սխալվում ես, Էլայզա, չեմ ուզում քեզ վախեցնել, բայց թե էստեղ ոգի է եղել, հաստատ ուրիշ բանի համար եկած կլինի»։

— Դու ինչ գիտես,— հարցնում եմ։

— Ասացի, չէ, որ Լորենսը հետս չի, բանտից դուրս եկանք ու ջոկ֊ջոկ գնացինք։ Մտածեցինք՝ էդպես լավ կլինի։ Լորենսը փախավ Հարավային Կարոլինա։ Ես էլ ասի՝ լավ է լեռներով գնամ, որ կարողանանք ձեռքից պրծնենք, էնտեղ արևմուտքում կարող է հանդիպենք։

— Ինձ նայիր,— ասում եմ,— հո չե՞ս խաբում։

Էդը նայեց ուղիղ աչքերիս ու՝ «արևս վկա, ճիշտ եմ ասում»։

— Ուրեմն, էն ուրիշ բանի համար էին կանչում,— մտածում եմ,— բայց ոչինչ, էդ էլ կպարզենք։ Դե հիմի ասա, թե ինչի ես եկել, ուզածդ ի՞նչ է։

— Էլայզա,— ասում է,— գիշերս լեռներով պիտի անցնեմ, հագիս էլ ոտնաման չկա, բոբիկ եմ։

Ոնց էլ չէի նկատել. ոտաբոբիկ էր, գջլոտ, արյունլվիկ, հագին մի կարգին շոր չկար։ Վրայինը մի քրջոտ շալվար էր, վայ թե ինչ բանտ էր ընկել, հագից չէր հանել, մի հատ էլ հին, կեղտոտ ֆլանելե շապիկ էր հագել՝ ուսերից հետ ճղրտած. մազերը թնջուկ ընկած, լցվել էին աչքերը. էդքան ժամանակ դրա գլխին սանր չէր դիպել, երկու ամսվա թրաշն էլ եկել, աչք ու երեսը փակել էր։ Մի խոսքով, նայողը լեղապատառ կլիներ։ Հետո որ հերդ եկավ, ասում եմ.— Էդպես բան ոչ լսել էինք, ոչ տեսել, Էդին ամեն ինչ տվել էին, բացի ամենապետքական բաներից. գրպանն ատրճանակ ու փամփուշտ էին լցրել, որ պետք եղած ժամանակ գործի դնի, իբր քիչ մարդու գլուխ է կերել... Չէին մտածել, թե սրան, որ էսպես անկոշիկ, անշոր վեր ենք վարում, ախր կսառի։

— Ուրիշ ճար չունեմ,— ասում է,— դրա համար էլ քեզնից եմ խնդրում, թե չէ ոտքերս սարերում բզիկ֊բզիկ կլինեն, իսկ որ չքայլեմ, կորած եմ, հաստատ կբռնեն։

— Էլի որ կբռնեն,— ասում եմ։

— Դրա համար էլ եկել եմ, Էլայզա, գիտեմ՝ մարդու բան չես ասի, ոտքերս անճոռնի մեծ են,— ասում է,— մենակ քո մարդու կոշիկներն իմ հագը կլինեն, մի զույգ հին կոշիկ որ տաս, ի՞նչ կլինի, տեղը փող կտամ քեզ, փող շատ ունեմ։— Ու հանեց խրձով փողի կապոցները.— Ուզի՝ տամ,— ասում է։

— Չէ,— ասում եմ,— էդ մեկն ինձ պետք չէ։— Դրա փողն ախր տեղով արյուն էր, բա ես ձեռք կտայի՞։

— Հիմի բերեմ կոշիկները,— ասում եմ ու պահարանից հանում մի զույգ նոփ֊նոր կոշիկ, հայրդ մի քանի ամիս առաջ էր առել, իսկ նա շատ խնամքով հագնվող մարդ էր։

— Առ,— ասում եմ,— Աստծո օգնությամբ տեղ հասնես։

Հագավ, ու ոնց որ ոտքով կարած լինեին։ Հիմի էդ կոշիկները հագին՝ բռնել է ձեռքս ու լաց է լինում, երևի մարդասպանի մեջ էլ մեկ֊մեկ զգացմունք ու խիղճ է մնում։

— Քո արածը,— ասում է,— կյանքում չեմ մոռանա, ասա, ես քո լավության տակից ո՞նց եմ դուրս գալու։

— Ասեմ ոնց,— իսկույն գլխի եմ ընկնում,— էդ կոշիկները բարով մաշես, փողդ էլ քեզ լինի, բայց գրպանիդ ատրճանակը քեզ հեչ պետք չի։ Ինչքան արյուն թափել ես՝ հերիք է։ Մեկ էլ չլսեմ, որ քո ձեռքից մարդ է տուժել։ Որ քեզ բռնեն էլ, սրանից օգուտ չկա։

Էս որ ասի, գլուխը քարշ գցած մի քիչ մնաց, հետո ատրճանակը հանեց ու տվեց ինձ։

— Կարող է ճիշտը դու ես,— ասում է,— բայց բռնեն էլ՝ պետքս չի, էդքան մեղքի տակից ոնց եմ դուրս գալու։

— Էդպես մի ասա,— համոզում եմ,— կին, երեխեք ունես՝ աչքները քո ճամփին, նրանց մասին բա չե՞ս մտածում։ Ինձ որ լսես, կգնաս մի օտար տեղ, որ քեզ ճանաչող չլինի, ու ամեն բան սկզբից կսկսես, հենց տեղավորվեցիր՝ մարդ ուղարկիր կնոջդ մոտ, երեխեքին առնի գա։ Իմ գիտենալով նա լավ կին է՝ կգա։

Երևի խելքը մտավ ասածս, շուռ էր եկել ու ձայն չէր հանում։

— Դե հիմի գնա,— ասում եմ,— լավ չի լինի քեզ իմ տանը տեսնեն, գնա ու Աստված քեզ օգնական։

— Մնաս բարով,— ասում է,— այ գնում եմ՝ ուրիշ կյանք սկսեմ։

— Գնա, ճիշտ էլ կանես, էդպիսով համ մեղքերդ կքավես, համ էլ նոր մեղքի տակ չես ընկնի։

Նրան էլ չտեսա, էդ գնալն էր, որ գնաց։

Տասը րոպե չանցած, հերդ շնչակտուր տուն ընկավ, որ իբր ինձ լուր բերի։

— Բա չե՞ս ասի,— վրա է տալիս,— հինգն էլ փախել են։ Հենզլին էլ խուժանի գլուխն անցած, Բլեկի խանութի ապակիները ջարդել է, որ զենք վերցնի՝ փախստականներին ետ բերի։

— Դրա համար արժեր, որ քաղաքի կեսը վազելով անցնես,— ծիծաղում եմ,— գոնե էնպես լուր բերեիր՝ չիմանայի։

— Ո՞նց թե,— ասում է,— դու էս բոլորը գիտեի՞ր։

— Մի բան էլ ավել գիտեմ, — ասում եմ,— ոտս էլ տանից դուրս չեմ դրել։

— Բա էդ ո՞նց եղավ,— հարցնում է։

— Դու որ տանը չէիր, էստեղ մի մարդ էր եկել։

— Ո՞վ։

— Էդ Միրզը,— ասում եմ։

— Ոնց թե,— գոռում է հայրդ,— խելքդ գլխի՞դ է, բա օգնության կանչեիր, հարևաններին ձայն չտվեցի՞ր։

— Որ ի՞նչ,— հարցնում եմ։

— Դե ես գնամ ոստիկանատուն, քանի ուշ չէ։

— Չէ,— ասում եմ,— էդ մեկը չես անի։ Ես էն մարդուն խոսք եմ տվել. էնպես չանես, որ ուխտադրուժ դուրս գամ, դու քո գործին կաց։

Հերդ մի քիչ մնաց, հետո էլ, թե՝ «ճիշտ ես ասում, երևի էդպես պիտի լիներ, բայց զարմանք բան է, զարմանք»։

Էդին ու Լորենսին էդպես էլ չկարողացան բռնեն։ Հետո հերդ Կալիֆոռնիայում իմացավ, որ երկուսն էլ եղել են Տրումենի տանը, վեց ամիս հետո կանայք էլ գնացին մոտները։ Տարին չլրացած՝ Լորենսի կինը Կոլորադոյում թոքախտից մեռավ, իսկ մարդն ինչ եղավ, էդպես էլ չիմացանք։ Ասում էին՝ Կանզասում նորից է պսակվել ու մի հինգ֊վեց երեխա էլ էս կնոջից ունի։ Պատմում են, որ կարգին տունուտեղ ունի, շատ էլ հարգված մարդ է, բա...

Էդի մասին ամեն բան Հենզլիից իմացանք։ Տրումենն ասում էր՝ Էդը գնացել է Կոլորադո՝ կորած֊մոլորած ինչ֊որ հանքում աշխատելու։ Հենց տեղավորվել էր, կնոջը իմաց էր տվել, թե՝ արի։ Կինն էլ էնտեղ մի տարու չափ մնացել էր ու նորից ետ եկել հորանց տուն, ասել էր՝ «դիմանալու բան չի, մարդս խելքը թռցրել է, միամիտ տեղը մեկ էլ սկսում է գոռգոռալ, թե՝ մեռելներն ընկել են ետևիցս, իմ սպանած հոգիները հարություն են առել՝ եկել են ինձ տանեն»։

— Տեսնո՞ւմ ես,— ասում եմ հորդ,— դրանց բոլորի վերջը էդ է։

— Հաստատ խիղճն է տանջում,— ասում է հայրդ։

Տրումենը աղջկան տարել էր արևելք, որ էլ մարդու երեսը չտեսնի։ Էդն, իհարկե, դեմ էր, սպառնացել էր աներոջը, վախեցրել, որ կսպանի։ Տրումենն ասում էր. «Չթողեցի աղջկաս վերադառնա, ես հո տեսնում էի, որ էդ մարդը խելագարվում էր»։

Վերջը Էդի կինը ապահարզան ստացավ. ամուսնալուծության գործը Ջեթերին էին տվել, էդ ժամանակ նա դեռ Սենատում չէր։ Ջահել, նոր ավարտած իրավաբան էր։ Ասում էին՝ հենց էդ գործի ժամանակ սիրահարվում է Էդի կնոջն ու ամուսնանում հետը՝ բաժանվելուց վեց ամիս էլ չանցած։ Հորդ ասում եմ.— Բա էդ անելու բա՞ն էր, գոնե մի քիչ սպասեին։

— Հա ասում է,— էստեղ են ասել, էլի.

Խնայողությո՜ւն, խնայողությո՜ւն, Հորացիո։�Մեռելճաշի կերակուրները պաղ մատուցվեցին�Հարսնասեղանի հրավիրյալներին։

Մի անգամ Հենզլիին ուղարկել էին արևմուտք մի հանցագործի ետևից ու որ վերադարձավ՝ պատմեց, որ Մեխիկոյում տեսել է Էդ Միրզին. երկուսով Տեխասից Մեխիկո գնացող նույն նավի վրա են եղել։ Էդը մորուքով է եղել, բայց ինքը, մեկ է, ճանաչել է։

— Շատ էր փոխվել,— ասում էր,— էլ էն Էդը չէր, ոնց որ էն աշխարհից եկած լիներ՝ կաշի ու ոսկոր, մի սկյուռի չափ միս էլ չկար վրեն։

— Ինքը քեզ չճանաչե՞ց, հետդ չխոսե՞ց,— հարցնում ենք։

— Բա ոնց,— ասում է,— նույն նավախցում չորս օր մնացինք, ախպոր պես ենք եղել էդ չորս օրը։ Սկզբում մտածեց՝ իր համար եմ եկել։

— Դոկ,— ասում է,— գիտեմ, եկել ես ինձ տանելու, ինչ արած, գնանք։

— Էդ, ի՞նչ ես խոսում,— ասում եմ,— քեզ հո չէի փնտրում, ուրիշ մարդու համար եմ եկել, դու իմ ինչի՞ն ես պետք, նույնիսկ քեզ ձերբակալելու իրավունք չունեմ, մոտս արտոնագիր չկա։

— Մեկ է,— ասում է,— մի օր ինքս կգամ։ Մենակ թե մինչև մեռնելս մեկն էլ կա, դրան էլ էն աշխարհ ուղարկեմ, ու էն ժամանակ կարող եք ինձ բռնել՝ ուզածներդ անել։

— Էդ, ո՞վ է էդ մեկը,— հարցնում է Հենզլին,— ինչի՞ ես ուզում սպանես։

— Ջեթերը,— պատասխանում է։— Էդը նրա դեմ շատ էր չարացած, համ կնոջ ապահարզանի գործն էր գլուխ բերել, համ էլ վերջում ամուսնացել հետը։ Հենզլիին Էդը մի նամակ է տալիս, որ սա հանձնի Ջեթերին։ Հենզլին կարդացել էր նամակն ու ասում էր.— Կյանքումս էդպես բան չեմ տեսել։

— Թող ես մարդասպան լինեմ,— գրել էր,— բայց երբեք էնքան նամարդ չեմ եղել, որ ուրիշի կնկան գողանամ։ Իմացած լինես, Ջեթեր, որ ես գալիս եմ, տուն ու դուռդ հավաքիր ու ինձ սպասիր։ Կարող է մի ամսից գամ, կարող է մի տարուց, ուզեմ տասը տարի կսպասեմ՝ նոր։ Բայց որ կգամ, էդ հաստատ։ Հետդ հաշիվ ունեմ մաքրելու։ Պատրաստ կաց։

Հենզլին ասում էր, որ երբ նամակը տվել է Ջեթերին՝ սրա գույնը երեսից թռել է, սկսել է դողացնել։ Նամակը ստանալուց հետո էդ մարդու քաշածը կյանք չէր, էնքան տանջվեց, մինչև որ մի անգամ եկան ասին, թե՝ Էդը սպանվել է։ Էդը չհասցրեց իր սպառնալիքն իրագործել, բայց որ չսպանեին, կգար կհասներ։ Էսպես բաներ, տղաս...

— Զույգ֊զույգ, քսան֊քսան,— կանչում էին ձայները։

— Ի՞նչ եք ուզում,— հարցնում եմ։

— Բան էլ չեն ուզում,— վրա է տալիս հերդ,— քեզ է թվում։

— Համբերիր,— ասում եմ,— մի քիչ կաց՝ կտեսնես։

Ու ճիշտ որ, շատ երկար չսպասեցինք։ Օրը ճաշ չդառած՝ ցավերս սկսվեցին։ Էդ ի՜նչ քաշեցի, Աստված, ոնց որ մարդու մեջտեղից ճղեին։

Հերդ էդ օրը շուտ էր եկել տուն ու բակում կանգնած խոզի ճարպ էր հալում։

— Տնաշեն,— ասում եմ,— էդքան խոզի միսը առել ես, որ ի՞նչ։ Քո հոր պես անտնտես մարդ աշխարհիս երեսին չկար, տղաս, փողը բուռ֊բուռ էր ծախսում ու՝ որ ինձանից չվախենար, էն չունեցած կոպեկն էլ գինետանը կմսխեր կամ միս կառներ, կամ էլ գյուղացիք կհամոզեին ու հեչ բանի դեմ փողը ձեռքից կառնեին։

— Քո տունը շինվի,— ասում եմ,— ով խնդրեց էդքան միս առնես։ Մառանը լիքը միս էր, մենակ վեց կտոր խոզապուխտ ունեինք ու էդ անաստված հերդ հսկա կրտած խոզը շալակել, բերել էր։

— Մարդ աստծո, էդքան խոզի միսը ո՞վ պիտի ուտի,— ասում եմ,— երեխեքն էլ կհիվանդանան շատ միս ուտելուց։

Է՜հ, տղաս, էնքան եմ հորդ երեսից լաց եղել, ունեցած փողը քամուն էր տալիս։ Մեկ֊մեկ դիտմամբ ասում էի.— Քո պես շատակեր մեկ էլ դու ես, բկիդ համար մեռած ես, էսպես որ գնա, բանի տեր չենք դառնա, աշխատածդ փորդ ես լցնում։ Հո խելքդ էլ փորումդ չէ՞։

Մեկ էլ տեսար ծանոթ գյուղացու էր հանդիպում ու էս մարդու վրան մնացած ապրանքը առնում բերում էր։ Մի օր էլ էդ տնաքանդը հինգ հարյուր հատ ձու առավ՝ բերեց տուն։ Հերսիցս քիչ մնար՝ ձվերը գլխովը տայի։ Հեչ ասա մենք հավ ունեի՞նք կամ մեր հավերը ձու ածո՞ւմ էին։

— Էս ինչի՞ ես էսքան ձուն շալակել բերել,— հարցնում եմ։

— Եսիմ,— շշմած֊շշմած նայում է վրաս,— դյուժինը յոթ ցենտով էին տալիս, ասի՝ առնեմ էլի, ասի՝ էդպես էժան ապրանք եսիմ էլ ե՞րբ լինի...

— Որ երկու ցենտով էլ տային, չպիտի բերեիր,— ասում եմ,— ձեռքինդ չիր չի, փող է։ Հիմա էս ձվերն ի՞նչ ենք անելու։

— Ոնց թե,— ասում է,— երեխեքը կուտեն։

— Կուտեն, բա ոնց, էնքան ուտեն, զզվեն, էլ չուզենան ձվի երես նայել։

— Ի՞նչ ասեմ, Էլայզա, ուզում էի մի օգտակար բան արած լինեի, բայց ոնց որ թե սխալվել եմ։

Մի անգամ էլ տուն եկավ՝ հետը մի սել ձմերուկ ու սեխ. քսանչորս հատ ձմերուկ էր առել, մի հարյուր հատ էլ սեխ։

— Էս ի՞նչ ես բերել,— ասում եմ,— հեչ գլխումդ խելք մնացե՞լ է։

— Ի՞նչ ես գոռգոռում,— նեղանում է,— երեխեքը կուտեն։

Լյուկն էնքան կերավ, անկողին ընկավ, ահագին փող էլ բժշկին տվեցինք։

Բա որ մեկ֊մեկ գալիս էր՝ հետը բեռներով սիմինդր ու պոմիդոր, լոբի ու անուշ ոլոռ, բերում էր սոխ, բազուկ ու շաղգամ, տեսակ֊տեսակ պտուղներ, տանձ ու խնձոր, դեղձ ու սալոր, ոնց որ տան կողքի այգին՝ հազար տեսակ բարիքներով, մերը չէր։ Բան ու գործս թողած՝ մտածում էի ինչ անեմ՝ էդքան ապրանքը չփչանա։

— Անաստված,— ասում եմ,— հիմի էսքան բանը տեղավորե՞մ, թե երեխեքիդ նայեմ։ Էդ վիճակով սկսեցի հորդ բերած պտուղները լցնել բանկաներն ու փակել, փակում եմ ու հեչ վերջը չի երևում։ Հերդ էլ էդ անտեր խոզով է ընկել. ճարպի կծու հոտը բռնել է տուն ու դուռ, իսկ ես բանկաներն եմ վրա֊վրա լցնում, չորս հարյուր երեսունյոթ բանկա բալ, խնձոր ու դեղձ, սալոր ու խաղող էի փակել, հետն էլ սերկևիլի մուրաբա ու տանձ, տոմատի խյուս, երկու տեսակի թթու էի դրել՝ վարունգը ջոկ, էն մեկելը՝ ջոկ։ Մառանը ոտք դնել չէր լինում, մինչև առաստաղ լցրել էինք։ Բայց հերդ էլ լավ ուտող էր։ Ես լավ ուտող շատ եմ տեսել, բայց նրա պես մեկ էլ ինքն էր, հաստատ պապոնց կողմին էր քաշել։ Ինքն էլ էր ասում. «Որ տղա ժամանակ հացի էինք նստում, մեր կերածը մի եզ կկշտացներ»։ Տատիդ հաց ուտելն էլ հո ե՛ս եմ տեսել։ Հավի ճուտն ու կես բաղարջը մի բերան էր անում, հլա Ավգուստային էլ ասում էր. «Աղջի ջան, ափսես մեկ էլ լցրու»։ Յոթանասուն տարեկան պառավ կնիկ էր էդ ժամանակ։ Իննսունվեց տարի ապրեց, ու նրան էլի բան չէր լինի. բկի երեսից մեռավ։ Մի օր իմացանք, որ նստած տեղից ձեռքը երկարացրել է, որ սիմինդր վերցնի ուտի, աթոռից ընկել էր, էլ վեր չկացավ, ոտը կոտրել էր, ինքն էլ պառավ էր, ու ոսկորը չէր կպչում։ Էս էլ սկեսուրս։

Հերդ ո՞նց էր դիմանում էդքան ուտելուն, գլուխ չէի հանում. առավոտը ձվածեղ էր ուտում խոզապուխտի հետ, հետո ձավարով շիլա, երշիկ, տապակած միս ու նոր թխած խմորեղեն, բաժակներով սուրճն էլ չափվում էր ու վեր կենում։ Ճաշին ու ընթրիքին էլ նորից տեսակ֊տեսակ բաներ, խոզ ու ձուկ, հավ ու լյարդ, բանջարեղեն, սուքոտաշ, լոբի, բակլա, կարտոլ ու շաղգամ, վրայից էլ դեղձի֊մեղձի մուրաբա։ Մի անգամ Վեյդ Էլիոթին ասացի.— Բժիշկ, էս բոլորն ուտելն արեց, ամուսինս իր ձեռքով իր գերեզմանն է փորում։

— Այո,— ասաց,— բայց ախր ահագին ժամանակ է փորում։

Ու ճիշտ որ, դիմացկուն մարդ էր հերդ, որ ինձ լսեր, հիմի ողջ ու առողջ մեր կողքին կլիներ։

Նոր ի՞նչ էի պատմում. հա, ճաշի ժամանակ ցավերս բռնեցին, ոնց որ դանակներ խրեին մեջս։ Զոռով֊զոռով հասա լուսամուտին ու գոռում եմ հորդ.

— Արի, շուտ֊շուտ արի։

Խեղճը գործը թողեց ու վազելով եկավ։

— Էս ո՞նց եղավ,— ասում եմ,— ախր հլա շուտ է, դեռ ժամանակս չի։

— Չէ,— ասում է հերդ,— հենց էդ է, գնամ բժշկին բերեմ։

Էդ տարի մորեխը այգին տարավ... վաղուց էր, քանի տարի է անցել... էդպես էլ չհասկացա, ինչի էդքան շուտ եղան երեխեքս... Աստված ջան, ինչեր եմ քաշել, ինչեր, հիմի էլ ողջ֊առողջ կողքդ նստած զրույց եմ անում։ Քո մայրը, տղաս, հողի ուժ ուներ մեջը, էդքան երեխա եմ բերել, ութը դուք, մի էդքան էլ մահացավ՝ չմնացին, դրանց մասին դու չգիտես։ Իմ քաշածին ոչ մի ուրիշ կնիկ չէր դիմանա, հորդ հայհոյանքն ու ծաղրն էլ վրայից։ Գժի պես մեկ էս կնկա հետ էր ընկնում, մեկ՝ մյուս, վերջում էլ ինքն իր արածից ամաչում էր ու գազան կտրում։ Էդ ի՞նչ տեսակ մարդ էր. անզուսպ, վայրենի, մեկ֊մեկ ինձ թվում էր, որ նրան բոլորովին չեմ ճանաչում, մեջը սատանա կար, անսանձ, սարսափելի մի բան, նրա արածները իմ հասկանալու բանը չէին։ Էնքան եմ դառնացած աղոթել, որ Աստված պատժի նրան։ Բայց մեկ էլ հիշում եմ մորեխի տարին, նարնջի ծառերը, թզենին, մեր երգելը ու, որ միասին էինք, մեր լավ ու վատ ժամանակները։ Լավն էլ եմ հիշում, վատն էլ, վշտաքամ իմ արցունքներն եմ հիշում ու երջանկությունս, որ ուզեմ էլ չեմ կարող քեզ ասել, թե ինչն էր լավը։ Ուզում էի ատել հորդ, բայց հիմի բերանս չի բռնում մի վատ խոսք ասեմ նրա մասին։ Տարօրինակ մարդ էր, բայց նրա կողքին ոչ մրսում էիր, ոչ սոված մնում, բոլորս կուշտ ու կուռ ուտում էինք։ Որ հիշում եմ... էնքան վաղուց էր, սիրտս ուզում է մի լավ, շատ լավ բան ասեմ նրա մասին, բայց չգիտեմ, թե ինչ։

Էդ տարի երեխեքս տիֆ ընկան. Ստիվն ու Դեյզին հենց մի քիչ ոտի ելան, մենակս առա, տարա սրբի դուռը։ Հերդ չդիմացավ՝ վեր կացավ եկավ ու հլա չհասած՝ սկսեց խմել։ Որոշեցի խմիչքը ձեռքից առնեմ, բայց Ստիվի հետ թաղել էր տան մոտի ավազի մեջ։ Ինձ որ էդտեղ տեսավ, սկսեց գոռգոռալ ու հայհոյել.— Ձեռք չտաս շշին, թե չէ հերդ կանիծեմ, գրողի բաժին դառնաս դու։

Էդպես որ խոսում էր, սրտիցս արյուն էր կաթում, ինձ պատեպատ էի տալիս. տեղացիներից մի խրճիթ էինք վարձել, կանգնում էի դռանն ու մտածում. ոչ երկաթգիծ կար, ոչ բան, որ կողմ նայեիր՝ ավազ էր, փափուկ, սորուն ավազ. երեխեն էլ ընկներ՝ բան չէր լինի, ու ասում էի՝ Աստված ջան, ի՞նչ անեմ ես, ի՞նչ։

Մյուս օրը հերդ արդեն լավ էր։ Երեկոյան կողմ երեխեքին առանք գնացինք Մարիոնի ամրոցը, Պոնս դը Լեոնի մոտ։ Ահագին ժողովուրդ էր հավաքվել, բոլորը հագած֊կապած, նվագախումբն էլ ոնց որ պետք էր, ու հենց դրոշակն երևաց, սկսեցին կրակել ու փող հարել՝ տո՜ւդլու, տո՜ւդլու... Մանր երեխեքն էլ ձեռքերը կլոր արած դրել էին բերաններին ու իրենք էլ էին տուդլու կանչում. էնպես անուշ նվագ էր, ծտեր էին խուրձ֊խուրձ պտտվում, չորս կողմը արմավի ծառեր էին, ջրի կողքի նարնջենին ծաղկել էր, մայրամուտին արևը՝ կլոր ու մեծ նարնջի պես ընկավ սև ամրոցի ետևը։ Մարդիկ խումբ֊խումբ կանգնած երաժշտություն էին լսում։

Հունվարին այգին մորեխ ընկավ, ձմեռ օր էր, իրիկունը ցավերս բռնեցին։

— Վեր կաց,— ասում եմ հորդ,— գնանք։

— Ի՞նչ է եղել,— հարցնում է։

— Շուտ արա, Աստված, մեռնում եմ, շուտ արա, տեղ հասնենք։ Գնացինք, վայ էն գնալուն՝ երեխեքը հետներս, ոտքներս սահում են, մտնում ավազի մեջ։

— Չեմ հասնի,— մտածում էի,— էլ կյանքում տուն չեմ հասնի, ու ցավից գժվում եմ։

Ճամփի կեսին ստիպված ինձ ձեռքերին առավ, ու էդպես գնացինք մինչև տուն։

— Տեսա՞ր արածդ,— ասում եմ,— քո մեղքով էսպես եղա։

Հերդ գույնը գցեց ու լավ վախեցավ։

— Տեր Աստված,— ասում էր ու ետ ու առաջ քայլում սենյակում։

Մութն ընկել էր, երեխեքը կողքիս կուչ եկած քնել էին։ Հորդ հետ դուրս եկա բակ. թզի ծառ ունեինք, պառկեցի մոտը։ Մարդիկ էին գալիս գնում, երգի, նվագի ձայն էր լսվում։ Ծառերն անուշ բուրում էին։ Մագնոլիայի, վարդի ու շուշանի, դաշտավլուկի, ուրիշ տեսակ֊տեսակ ծաղիկների հոտ էր ընկել, երեխեքը տանը քնած էին, նարինջը ծաղկել էր, գլխիս վերև փունջ֊փունջ աստղեր էին...

Վաղուց էր սա, որդիս, էդ տարի մորեխն այգին տարավ...

Նելսոնն ինձ ասում էր.— Մեջդ հողի ուժ կա, քո պես կին հեչ չեմ տեսել։— Ու ճիշտ էր ասում, տղաս, ձեռքս չկպած՝ հողը բարով էր լցվում։ Մի մատ երեխա էի. ծառ էի տնկում, պոմիդոր, տեսակ֊տեսակ ծաղիկներ, մատներս հողն էի խրում, ու հասկս ծլում էր։ Պառավ Շումախերը ժամերով բզբզում էր իր այգում, մարգերը շախմատի վանդակների պես կոկել էր, քաղհանել, ամեն բույս իր տեղը զգաստ կանգնեցրել, գերմանացիներն էին էդպես սովորեցրել։ Ինձ էլ ասում էր.— Միք թողնի այգին բարձիթողի, էդպես չի կարելի, էդքան մոլախոտի մեջ ի՞նչ պիտի աճի։

— Կապրենք՝ կտեսնենք,— ասում եմ,— ամեն բան էլ իր հերթով կաճի, քոնից պակաս որ չի լինի, իմոնք առանց էդ շան չարչարանքի էլ կաճեն։ Ու աճում էին, Շումախերի աչքը մեջն էր մնում՝ սոխ, պոմիդոր, բողկ ու կաղամբ հողից տռուզ֊տռուզ դուրս էին ցցվում։ Որ ճարս կտրվեր ու փողս հատներ, սոված չէինք մնա, վար ու ցանք կանեի, կապրեինք։ Շատ եմ էդպես ապրել, որ պետք լիներ, էլի կապրեի։

Անցած ձմեռ գնացել էի Կատավաբա, ածխահատների ընկերություն՝ վարձը մուծելու, էնտեղ Միլեր Ռայթին տեսա, դրանից երկու օր չանցած՝ մեռավ սրտի կաթվածից։ Յոթանասուն տարեկան մարդ էր։ Էդ օրը երեսին գույն չկար ու հա դողացնում էր։

— Էդ ի՞նչ է եղել, Միլեր,— հարցնում եմ,— գույնդ հեչ դուրս չի գալիս։

— Ախ, Էլայզա,— կմկմաց,— շատ եմ դարդ անում, շա՜տ։

— Ի՞նչ է եղել։

— Ապրուստս ձեռքիցս գնաց, մի քոռ կոպեկ էլ չունեմ։ Ունեցած֊չունեցածս բանկն էի գցել, ու փակվեցին անտերները։ Ի՞նչ եմ անելու։

— Ի՞նչ կա, որ ինչ անես,— ասում եմ,— սկզբից սկսիր, բայց նույն սխալներն էլ չանես։

— Ախ, Էլայզա, ուշ է, պառավ ենք, պառավ, յոթանասունս լրացել է։

— Պառավս ո՞րն է,— ասում եմ,— ինձ որ մնա, հենց վաղվանից կսկսեմ, համ կվարեմ, համ կցանեմ։

— Ախր ոնց սկսեմ, Էլայզա, ոնց։

— Վաղվանից գործի կկպչենք,— ասում եմ,— ու քանի կանք, կբանենք։ Էնպես գործ անես, որ բոլորի աչքը դուրս գա։— Էդպես եմ ասում, որ սիրտը առնեմ, էլի։ Ոնց որ թե մի քիչ գույնը բացվեց,— լավ ես ասում, Էլայզա։

— Հա, էնպես որ գործիդ կաց ու դարդ մի անի։ Բոլորս էլ էդ ճամփով անցել ենք։ Մեր քաշածը մենակ մենք գիտենք։ Հիմիկվանների խելքը ի՞նչ է հասնում, ամեն ինչ պատրաստ ձեռքերն ենք տվել։

Ես ու Միլերը նույն տեղի ծնունդ էինք։ Էսօրվա պես հիշում եմ. տղամարդիկ շարքերով գնում էին կռիվ, կանայք լալիս էին, փոշու ամպը բռնել էր չորս կողմ. էդ ինչ օրեր տեսանք, դառն էր մեր դատածը, բուրդ գզելն ու մանելը մի կողմից, վարել ցանելը՝ էն մյուս, ու ուրիշ բաներ, որ ո՛չ լսել ես, ո՛չ տեսել, զավակս։ Ամառնամուտ էր, ջրի ափին երգում էինք՝ անհաց, անշոր ու դարդոտ, հազար ցավի տեր։

— Հիշո՞ւմ ես, Միլեր,— հարցնում եմ։

— Հիշում եմ,— ասում է,— Էլայզա, բայց հիմի էլ էն չենք, հիմի կարո՞ղ ես էդպես աշխատել։

— Մի բան էլ լավ կաշխատեմ, Միլեր, ինչ անենք, որ էս անգամ տուժողը ես ու դու եղանք, մեր պես էնքան կա, մեր կարճ խելքով ուզում էինք էնպես անենք, լավ լիներ։ Ու թույլ տվեցինք մեզ խաբեն, որ մտածում եմ... էն ժամանակ մտքիս կար... որոշել էի մի երկու անգամ էլ գործ բռնել դրանց հետ ու մի կողմ քաշվել։ Էս փորձանքը մեր գլխին էն խարդախ անտերներն ու Նյու Յորքի ջհուդները բերեցին, մի օրում ինչքան դրամաշորթ կար լցվեց էստեղ։ Թե փոթորիկը չլիներ, Ֆլորիդայում առած ապրանքին բան էլ չէր լինի։ Էսքանը քիչ էր, Կալիֆոռնիայի թոկից փախածները լուր էին տարածել, թե Միջերկրականի կողմից ծառի ճիճու է անցել Ֆլորիդա։ Թե հյուսիսային բևեռում էդ ճիճվից կար, նույնն էլ Ֆլորիդայում։ Դիտմամբ էդ լուրը տարածեցին, որ մեզ վնաս տան, սնանկացնեն։ Փորները չէր տանում, որ Ֆլորիդան իրենցից առաջ է։ Հուվերն էլ էդ հրոսակախմբի գլուխն անցած՝ օգնում էր չարագործներին, ինչ է թե ինքը ծնունդով Կալիֆոռնիայից էր։ Բայց մեկ է, Ֆլորիդան կա ու կմնա. բանկերն էլ մեղք չունեն, նրանց ձեռքն ի՞նչ կա, ուզեն էլ բան չեն կարող անել։ Հիմա քեզ մի բան ասեմ, Միլեր, գաղտնիք է, բայց քեզ կասեմ. մի բուռ հող ունեմ գյուղում, ոչ ոք չգիտի, սև օրվա համար եմ պահել, որ շատ նեղն ընկա, կգնամ ու իմ օրվա հացը վար ու ցանքով կհանեմ։ Ուզենաս դու էլ կգաս, իմ տանը մարդ սոված չի մնա։

— Ախ, Էլայզա,— ասում է,— ուշ է, ուշ, սկսելու համար ես շատ պառավ եմ, ամեն ինչ գնաց կորավ։

— Մի ասա, Միլեր, ամեն ինչ չէր կարող կորել, մի բան էլ ունենք։

— Ի՞նչ ունենք,— հարցնում է։

— Հողը, Միլեր, հողը միշտ էլ մերն է։ Ամուր, երկու ոտքով կկանգնենք հողին ու կփրկվենք։ Հողը տիրոջը չի ուրանում, Միլեր...

Ցավը գալարվում էր մեջս։ Հայրդ բժիշկ Նելսոնի հետ վազեվազ եկավ։

— Չէ,— ասում եմ,— բժիշկ, չի կարող պատահի, ժամանակս չէ, երկու շաբաթ էլ ունեմ։

— Մի վախենա, Էլայզա,— ասում է,— ժամանակդ է։

— Ու ճիշտ որ, էդ էր, որ կար։

— Զույգ֊զույգ, քսան֊քսան,— կանչում էին։

Գիշերով, Էդ Միրզի գալուց քսան օր հետո, հոկտեմբեր ամսի տասնյոթին (տասից քսան պակաս) զույգ տղա բերեցի։ Բենս ու Գրովեյը գիշերով ծնվեցին։ Որ լուսացավ, ամեն ինչ պարզվեց. հասկացա ձայներն ինչ էին անում։ Էն է իմ պատմությունը, տղաս։ Հորդ ասում եմ.— Տեսնո՞ւմ ես, ինձ չէիր հավատում։

— Դու ճիշտ ես, Էլայզա,— ասում է,— զարմանք բան է, զարմանք։

Լսո՞ւմ ես, որդիս, նավահանգստի կողմից ձայներ են գալիս, էլի նավեր են անցնում։

Ապրիլ ամսին տուն կգնամ. ծառերս ծաղկած կլինեն. բալենին, դեղձի ծառն ու դափնին, հոնի, յասամանի թփերը։ Այգում մի խնձորենի ունեմ, հունիս ամիսը չմտած՝ մեր կողմերում ինչքան ծիտ կա, հավաքվում է գլխին։ Քո տնկած հասմիկի թուփը հիմի պատուհանի կողքին ծաղկել է։

Քեզ լավ նայիր, զավակս, լավ սնվիր... Ի՞նչ գործ ունեիր էստեղ՝ մեզնից հեռու, օտար մարդկանց մեջ... Սարերն էլի սիրունացել են՝ գարուն է գալու... Ի՞նչ ունեիր էստեղ, տղաս, հեռու, մենակ, տուն դարձիր, զավակս... Էլի նավե՞րն են... Աստվա՜ծ, հորդ պես թափառական ես ծնվել... Չե՞ս լսում, տղաս. նավերը ճամփա են ընկնում...


ՎԵՐՋ