Մարդը, որ ծիծաղում էր

Գրապահարան-ից
Մարդ, որ ծիծաղում էր

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր
թարգմանիչ՝ Ամալյա Ղուկասյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»


1928 թվականին, ինը տարեկանում, ես մի կազմակերպության անդամ էի, որ կրում էր «Կոմանչների ակումբ անունը», և նվիրված էի դրան իմ ամբողջ esprit de corps:[1] Ամեն օր դասերից հետո ուղիղ ժամը երեքին 165֊րդ դպրոցի ելքի մոտ, Հարյուրիններորդ փողոցում, Ամստերդամյան ավենյուի մոտակայքում, մեզ՝ քսանհինգ կոմանչիներիս, սպասում էր մեր Առաջնորդը։ Իրար սեղմվելով ու հրմշտելով՝ տեղավորվում էինք մեր առաջնորդի փոքրիկ «պիկապում», և, համաձայն մեր ծնողների հետ ունեցած գործնական պայմանավորվածության, նա մեզ տանում էր Կենտրոնական զբոսայքի։ Ետճաշյա ամբողջ ժամանակը ֆուտբոլ կամ բեյսբոլ էինք խաղում, նայած եղանակին։ Շատ անձրևոտ օրերին Առաջնորդը մեզ տանում էր պատմաբնագիտական թանգարան կամ Կենտրոնական պատկերասրահ։

Շաբաթ օրերը և մեծ տոներին Առաջնորդը առավոտից հավաքում էր մեզ տներից և իր դարն ապրած «պիկապով» Մանհետենից տանում Վան֊կորտլենդյան զբոսայգու կամ Փալիսադիի շատ ավելի ազատ տարածությունները։

Եթե ազնիվ սպարտով զբաղվելու պահանջ էինք զգում, գնում էինք Վան֊Կորտլենդյան զբոսայգին․ այնտեղ իսկական հրապարակներ ու ֆուտբոլային դաշտեր կային, և մեզ չէր սպառնում որպես հակառակորդ՝ մանկական սայլակ կամ փայտը ձեռքին կատաղած պառավ տիկին տեսնելու վտանգը։ Եթե կոմանչների սիրտը ազատ կյանքի կարոտ էր զգում, գնում էինք քաղաքից դուրս՝ Փալիսադի, ու այնտեղ մաքառում զրկանքների դեմ։ (Հիշում եմ, մի անգամ, շաբաթ օրը, ես նույնիսկ մոլորվեցի թավուտներում, ճանապարհային նշանի և վաշինգտոնյան կամրջի միջև ընկած ընդարձակ տարածությունում։ Բայց ինձ չկորցրի։ Նստեցի վիթխարի ռեկլամային վահանակի տակ ու, արցունքներս կուլ տալով, բացեցի նախաճաշս, որպեսզի ամրապնդեմ ուժերս, աղոտ հույս ունենալով, որ Առաջնորդը կորոնի ինձ։ Նա միշտ գտնում էր մեզ)։

Կոմանչներից ազատ ժամերին մեր Առաջնորդը դառնում էր ուղղակի Սթեթեն֊Այլենդի Ջոն Հեդսուդցին։ Նա քսաներկու֊քսաներեք տարեկան շատ ամոթխած ու սուսիկ֊փուսիկ տղա էր, Նյու֊Յորքի համալսարանի մի սովորական իրավաբան֊ուսանող, բայց ինձ համար անմոռանալի է նրա կերպարը։ Չեմ թվարկի նրա բոլոր արժանիքներն ու առաքինությունները։ Կասեմ անցողակի, որ նա բոյսքաության «Արծվային երամի» անդամներից էր և քիչ էր մնում դառնար 1926 թվականի ամերիկյան հավաքականի լավագույն հարձակվողն ու գրեթե չեմպիոնը, և որ մի անգամ նրան բավական համառորեն հրավիրում էին իր ուժերը փորձելու Նյու֊Յորքի բեյսբոլի վարպետների թիմում։ Նա խիստ անաչառ և սառնասիրտ դատավոր էր մեր կատաղի մրցումների ժամանակ, վարպետ՝ խարույկ վառելու և մարելու գործում, փորձված և ներողամիտ առաջին օգնություն ցույց տվող։ Մենք բոլորս, սկսած փոքրերից մինչև ավագ թոկից փախածներս, անսահման սիրում ու հարգում էինք նրան։

Ես հիմա էլ աչքերիս առաջ տեսնում եմ մեր Առաջնորդին, ինչպիսին նա էր 1928 թվականին։ Եթե մեր ցանկությունը նրան մի քանի դյույմ աճեցնելու զորություն ունենար, ապա մի ակնթարթում նա կդառնար հսկա։ Բայց կյանքը մնում է կյանք, և նրա հասակը ընդամենը հինգ ֆուտ և երեք֊չորս դյույմ էր։ Նրա կապտասև մազերը գրեթե ծածկում էին ճակատը, քիթը խոշոր էր, նկատելի, իրանի երկարությունը գրեթե հավասար էր ոտքերի երկարությանը։ Ուսերը կաշվե բաճկոնի մեջ ավելի ուժեղ էին թվում, թեև նա առանձնապես թիկնեղ չէր և թեթևակի կուզ ուներ։ Բայց ինձ համար այն ժամանակ մեր Առաջնորդի մեջ անքակտելիորեն միաձուլվում էին բոլոր լավագույն կինոդերասանների կանոնավոր ու համաչափ դիմագծերը՝ և՛ Բաք Ջոնսի, և՛ Քեն Մեյնարի, և՛ Թոմ Միքսի։


Իրիկնադեմին, երբ այնքան էր մթնում, որ վրիպելիս կամ թեթև գնդակները բաց թողնելիս պարտվողները արդարանում էին այդ պատճառաբանությամբ, մենք՝ կոմանչներս, համառորն և անձնապաշտորեն շահագործում էինք մեր առաջնորդին որպես պատմողի։ Տաքացած ու լարված կռվում էինք ու գոռգոռալով վիճում «պիկապի» մեջ Առաջնորդին ավելի մոտ տեղ զբաղեցնելու համար։ «Պիկապում» ծղոտից երկու շարք նստելատեղ էր շինված։ Ձախում ևս երեք տեղեր կային՝ ամենալավերը, այդտեղից կարելի էր տեսնել նույնիսկ ղեկի մոտ նստած Առաջնորդի կիսադեմը։ Երբ բոլորս տեղավորվում էինք, Առաջնորդն էլ էր մտնում «պիկապ»։ Նա նստում էր իր վարորդական տեղում, դեմքով դեպի մեզ ու թիկունքով դեպի ղեկը, և թույլ, բայց հաճելի տենորով սկսում «Մարդը, որ ծիծաղում էր» պատմվածաշարի հերթական թողարկումը։ Բավական է նա սկսեր, մենք արդեն ունկնդրում էինք չթուլացող հետաքրքրությամբ։ Դա ամենահարմար պատմությունն էր իսկական կոմանչների համար։ Հնարավոր է, որ այն կառուցված էր նույնիսկ դասական կանոններով։ Պատմությունը ծավալվում էր, հափշտակում մեզ, կլանում շրջապատում ամեն ինչ, ու այդ ամենի հետ միաժամանակ հիշողության մեջ մնում սեղմ, խտացված և մի տեսակ դյուրակիր։ Այն կարելի էր տանել տուն և վերհիշել, ասենք, երբ նստած ես վաննայում, երբ ջուրը կամաց֊կամաց լցվում է շուրջդ։

Հարուստ միսիոներների միակ որդին՝ Մարդը, որ ծիծաղում էր, վաղ մանկության տարիներին առևանգվում է չին ավազակների կողմից։ Երբ հարուստ միսիոներները (ելնելով կրոնական համոզմունքներից) հրաժարվում են փրկագին վճարել որդու համար, ավազակները, վիրավորված համարելով իրենց լավագույն զգացմունքները, փոքրիկի գլուխը մտցնում են մամլիչի մեջ և համապատախան պտուտակը մի քանի անգամ պտտում դեպի աջ։ Իր տեսակի մեջ այդ յուրօրինակ էքսպերիմենտի օբյեկտը աճում է ու առնականանում, բայց գլուխը մնում է ճաղատ, ինչպես ծունկ, տանձանման, իսկ քթի տակ բերանի փոխարեն մի վիթխարի ձվաձև անցք է լինում։ Ասենք, քթի փոխարեն էլ միմիայն թերաճած ռունգեր էին։ Դրա համար էլ, երբ Մարդը շնչում էր, քթի տակի սահմռկեցուցիչ այլանդակ ճեղքը ընդարձակվում էր և իմ երևակայության մեջ դառնում մի վիթխարի ամյոբա։ (Առաջնորդը ավելի շուտ պատկերավոր ցուցադրում էր, քան նկարագրում, թե ինչպես էր շնչում Մարդը)։ Սոսկալի Մարդուն, որը ծիծաղում էր, տեսնելիս մարդիկ ուշաթափվում, ցած էին ընկնում։ Ծանոթները խուսափում էին նրանից։ Որքան էլ տարօրինակ լինի, ավազակները նրան չէին վռնդում, միայն թե նրա դեմքը ծածկվում էր բաց կարմիր դիմակով, որը պատրաստվում էր կակաչի ծաղկաթերթերից։ Այդ դիմակը ոչ միայն ավազակներից ծածկում էր իրենց հոգեորդու դեմքը, այլև դրա շնորհիվ նրանք ամեն անգամ իմանում էին նրա տեղը․ միանգամայն հասկանալի պատճառով նրանից ափիոնի հոտ էր գալիս։

Ամեն առավոտ, մենակությունից տառապելով, Մարդը գաղտագողի (իհարկե, հպարտորեն ու կատվի թեթևությամբ) մտնում էր ավազակների որջը շրջապատող անտառի խորքերը։ Այնտեղ նա ընկերություն էր անում բազմապիսի կենդանիների՝ շների, սպիտակ մկների, արծիվների, առյուծների, բոա֊կոնստրիկտորների ու գայլերի հետ։ Ավելին, այնտեղ նա հանում էր դիմակը և բոլոր գազանների հետ խոսում էր մեղմ երգեցիկ ձայնով, նրանց սեփական լեզվով։ Ու նրանց համար Մարդը այլանդակ չէր։

Երկու ամիս պահանջվեց, մինչև որ Առաջնորդը հասավ պատմության այդ մասին, բայց այստեղից սկսած՝ նա ավելի առատորեն զարգացրեց դեպքերը հմայված կոմանչների աչքի առաջ։

Մարդը, որ ծիծաղում էր, հմտացել էր ականջ դնելու գործում և շուտով տիրապետեց ավազակային պրոֆեսիայի բոլոր ամենաարժեքավոր գաղտնիքներին։ Բայց դրանց մասին նա առանձնապես մեծ կարծիքի չէր և առանց հապաղելու ստեղծում էր սեփական, անհամեմատ ավելի արյունավետ սիստեմը, սկզբում հազվադեպ, հետո ավելի հաճախ նա շրջում էր Չինաստանով մեկ, կողոպտելով ու շշմեցնելով մարդկանց․ սպանում էր ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Իր ճկուն և խորամանկ հանցագործություններով, որոնցում, որքան զարմանալի թվա, ի հայտ էր գալիս նրա բացառիկ ազնվությունը, նա նվաճեց հասարակ ժողովրդի հաստատուն սերը։ Որքան էլ տարօրինակ լինի, նրա հոգևոր ծնողները (այն նույն ավազակները, որոնք նրան հանցագործությունների գիրկը մղեցին) նրա սխրանքների մասին գրեթե ամենաուշն էին իմանում։ Իսկ երբ իմանում էին, սև նախանձը կրծում էր նրանց սիրտը։ Գիշերը նրանք շարքով անցնում են Մարդու մահճի մոտից, մտածելով, որ նրան հարբեցրել են ու նա քնած է խոր քնով, և հերթով՝ վերմակով ծածկված մարմի մեջ են խրում իրենց սրերն ու մաչետեները։ Բայց պարզվում է, որ զոհը ավազակապետի մայրն է, մի սոսկալի կռվարար ու տհաճ անձնավորություն։ Այդ դեպքը միայն ավելի է բորբոքում ավազակներին, որ ծարավի էին Մարդու արյանը, և ի վերջո Մարդը հարկադրված է լինում ամողջ ավազակախմբին փակել խոր, բայց միանգամայն հարմարավետ կահավորված դամբարանում։ Ավազակները երբեմն փախչում էին այնտեղից և խանգարում նրան ապրել, բայց, այնուամենայնիվ, Մարդը չէր ուզում նրանց սպանել։ (Նրա այդ անիմաստ գթասրտությունը կատաղեցնում է ինձ)։

Շուտով Մարդը, որ ծիծաղում էր, սկսեց հաճախակի կտրել անցնել չինական սահմանը, հայտնվելով ուղիղ Փարիզում, ֆրանսիական քաղաքում, որտեղ, իր ամենայն համեստությամբ հանդերձ, նա սիրում էր հանճարեղ հնարամտություններով հոգեհան անել ոմն Մարսել Դյուֆարժի՝ որը բավական սրամիտ մի պարոն էր։ Դյուֆարժը և նրա դուստրը (հիասքանչ, բայց բավական երկերեսանի մի էակ) դարձան մարդու ամենաոխերիմ թշնամիները։ Շատ անգամ են նրանք փորձել ծուղակը գցել և բռնել նրան։ Մարդը սկզբում, զուտ սպորտային հետաքրքրությունից ենթարկվում էր նրանց, բայց հետո չքանում էր անհետ, այնպես, որ ոչ ոք չէր կարողանում գլխի ընկնել, թե նա ինչպես է փախել։ Միայն երբեմն նա հրաժեշտի երկտող էր թողնում Փարիզի կոյուղու ցանցում, և դա անմիջապես տալիս էին անձամբ Դյուֆարժի ձեռքը։ Դյուֆարժների ընտանիքը անսահման շատ ժամանակ էր վատնում՝ փնտրելով նրան փարիզյան կոյուղու խողովակների մեջ։

Շուտով Մարդը, որ ծիծաղում էր, դարձավ աշխարհի ամենավիթխարի կարողության միանձնյա տիրակալը։ Հարստության մեծ մասը նա անանուն կերպով զիջեց տեղական մի վանքի վանականներին, խոնարհամիտ ճգնավորներին, որոնք իրենց կյանքը նվիրաբերել էին գերմանական գամփռների վարժեցմանը։ Մնացածը Մարդը վերածեց ադամանադների և, զմրուխտե սեյֆերի մեջ լցրած, առանց ափսոսալու սուզեց Սև ծովի հատակը։ Նրա անձնական պահանջները ծիծաղելիության աստիճան սահմանափակ էին։ Սնվում էր արծվի արյունով շաղախված բրնձով և ապրում էր մի համեստ տնակում, որ նկուղային հրաձգարան ուներ ու մարմնամարզական դահլիճ՝ փրփրահույզ Տիբեթի ափին։ Նրա հետ ապրում էին նրա չորս անձնուրաց համախոհները․ թեթևաքայլ վիթխարի գայլը՝ Սևաթև մականունով, Օմբա անունով հաճելի թզուկը, Գոնգ անունով վիթխարահասակ մոնգոլը (սրա լեզուն այրել էին սպիտակ մարդիկ) և եվրասիացի մի չտեսնված գեղեցկուհի, որը Մարդու հանդեպ ունեցած անպատասխան սիրուց և նրա անձի անվտանգության համար ունեցած մշտական վախի պատճառով երբեմն չէր խորշում նաև օրենքը խախտելուց։ Մարդը իր խմբին կարգադրություններ էր անում մետաքսե սև միջնորմի ետևից։ Նույնիսկ Օմբան՝ սիրունատես թզուկը, իրավունք չուներ նրա դեմքը տեսնելու։

Ես կարող եմ, եթե հարկ լինի, ուղղակի ծամելով ձեզ առաջ ու ետ տանել, ընթերցող, ֆրանսիա֊չինական սահմանի երկարությամբ, բայց մի՛ վախեցեք, չեմ անի այդ բանը։ Մինչև հիմա ես Մարդուն, որը ծիծաղում է, համարում եմ իմ հերոսական նախնիների, դե, ասենք, Ռոբերտ Է․ Լիի նման մեկը։ Սակայն այսօրվա իմ երազանքները նույնիսկ համեմատել չի կարելի նրանց հետ, որ համակել էին ինձ 1928 թվականին, երբ ես ինձ ոչ միայն Մարդու ուղղակիորեն հետնորդն էի համարում, այլև նրա միակ կենդանի և օրինական ժառանգը։ Այդ 1928 թվականին ես բոլորովին էլ իմ ծնողների զավակը չէի, այլ մի սատանայական խորամանկ ինքնակոչ տիպ, որ ամենափոքրիկ առիթի էր սպասում նրանց կողմից, որպեսզի անմիջապես, ավելի լավ է առանց բռնության, թեև դա չէր բացառվում, բացեր նրանց իսկական դեմքը։ Բայց չցանկանալով կոտրել իմ երևակայական մոր սիրտը, ես նախատեսում էի իմ հանցագործ աշխարհում նրան պարգևատրել որևէ, առայժմ անորոշ, բայց, անշուշտ, արքայական տիտղոսով։ Սակայն ինձ համար ամենակարևորը 1928 թվականին՝ մշտական զգոնությունն էր։ Նրանց բոլորի աչքին թոզ փչելը։ Լվալ ատամներս, սանրվել։ Ամեն կերպ թաքցնել իմ բնածին, սատանայական սոսկալի ծիծաղը։

Իրականում, ես բոլորովին էլ միակ կենդանի հետնորդն ու օրինական ժառանգը չէի Մարդու, որը ծիծաղում էր։ Ակումբում քսանհինգ կոմանչներ կային, Մարդու քսանհինգ կենդանի հետնորդներ և օրինական ժառանգներ, ու մենք բոլորս, որպես չարագույժ անծանոթներ, շրջում էինք քաղաքում՝ հնարավոր թշնամի հոտոտելով ամեն մի վերելակավարի մեջ, խուլ, բայց հասու շշնջյունով հրաման էինք թելադրում մեր սպանիելի ականջին, և ցուցամատը առաջ մեկնելով՝ նշան էինք բռնում թվաբանության ուսուցիչների վրա։ Ու լարված, անխոնջ սպասում էինք, թե վերջապես երբ կգա առիթը՝ սարսափ ու հիացմունք ներշնչելու որևէ մեկի պարզամիտ հոգուն։


Մի անգամ, փետրվարյան մի օր, երբ բացվել էր կոմանչների բեյսբոլի սեզոնը, ես նոր զարդ նկատեցի մեր Առաջնորդի մեքենայի մեջ։ Հողմնապակու վրա ուսանողական գլխարկով ու թիկնոցով մի աղջկա փոքրիկ լուսանկար էր հայտնվել։ Ինձ թվաց, թե այդ լուսանկարը խախտում է մեր «պիկապի» ընդհանուր, զուտ առնական ոճը, և ես Առաջնորդին բացեիբաց հարցրի, թե ով է դա։ Սկզբում նա ծամծմեց, բայց, վերջապես, հայտնեց, որ աղջիկ է։ Ես հարցրի անունը։ Դանդաղելով, նա անհաճությամբ պատասխանեց․ «Մերի Հադսոն»։ Ես հարցրի՝ կինոյի՞ց է, ինչ է։ Առաջնորդը ասաց՝ ոչ, սովորում է համալսարանում, Ուելսի քոլեջում։ Մի քիչ մտածելուց հետո ավելացրեց, թե Ուելսի քոլեջը շատ նշանավոր քոլեջ է։ Հարցրի, թե նրա ինչին է պետք այդ նկարն այստեղ, մեր մեքենայում։ Նա թեթևակի թոթվեց ուսերը, ասես ուզում էր, ինչպես ինձ թվաց, այնպիսի տպավորություն թողնել, իբր, զոռով են իր վզին կապել այդ լուսանկարը։

Սակայն առաջիկա երկու֊երեք շաբաթը զոռով թե պատահմամբ Առաջնորդի վզին կապված այդ լուսանկարը այդպես էլ մնաց մեր մեքենայի մեջ։ Այն չէին սրբում թափում ոչ կոնֆետի թղթերի հետ, որոնց վրա պատկերված էր Բեթ Ռութը, ոչ էլ սառնաշաքարի փայտիկների հետ։ Եվ մենք, կոմանչներս, մի տեսակ ընտելացանք դրան։ Աստիճանաբար սկսեցինք այն նկատել այնքան, որքան որ՝ սպիդոմետրը։

Բայց մի անգամ զբոսայգու ճանապարհին Առաջնորդը կանգնեցրեց մեքենան Հինգերորդ ավենյուի վրա, Վաթսուներորդ փողոցի շրջանում, մեր բեյսբոլային դաշտից ավելի քան կես մղոն հեռու։ Քսան անկոչ խորհրդատուներ անմիջապես բացատրություն պահանջեցին, բայց Առաջնորդը լուռ մնաց։ Պատասխանի փոխարեն նա պատմողի սովորական դիրք ընդունեց և ոչ տեղին սկսեց մեզ հրամցնել Մարդու պատմության շարունակությունը։ Բայց դեռ չէր սկսել, որ մեքենայի դուռը ծեծեցին։ Այդ օրը մեր Առաջնորդի բոլոր ռեֆլեկսները կայծակնային էին։ Նա տառացիորեն պտույտ գործեց իր առանցքի շուրջը, քաշեց դռան բռնակը, և մորթե մուշտակով մի աղջիկ մտավ նրա «պիկապը»։

Կյանքիս մեջ միայն երեք աղջիկների եմ հիշում, որոնք միանգամից, առանց մտածելու հենց առաջին հայացքից ապշեցրել էին ինձ իրենց անառարկելի, անվերապահ գեղեցկությամբ։ Մեկին տեսել եմ Ջոնս Բիչ լողափում 1936 թվականին, լողազգեստով մի նիհարիկ աղջիկ, որ չէր կարողանում բացել նարնջագույն հովանոցը։ Երկրորդն ինձ հանդիպել է 1939 թվականին, շոգենավում, Կարիբյան ծովում, որ վառիչը նետեց դելֆինի վրա։ Իսկ երրորդը մեր Առաջնորդի աղջիկն էր՝ Մերի Հադսոնը։

― Շա՞տ եմ ուշացել, ― հարցրեց նա՝ ժպտալով մեր Առաջնորդին։

Նույնպիսի հաջողությամբ նա կարող էր հարցնել․ «Ես շա՞տ տգեղ եմ»։

― Ոչ, ― ասաց մեր Առաջնորդը։ Շփոթված հայացքը պտտեց կոմանչիների վրա, որ նստած էինք նրա մոտ, և նշան արեց՝ տեղ տալ։ Մերի Հադսոնը նստեց իմ և Էդգար անունով (ազգանունը չեմ հիշում) մի տղայի միջև։ Մենք սեղմվեցինք հանուն նրա, որքան որ կարող էինք։ Մեքենան շարժվեց, թափահարելով, ասես անսովոր մարդ էր վարողը։ Բոլոր կոմանչներս մի մարդու պես լուռ էինք։

Վերադարձին մեր սովորական կանգառում Մերի Հադսոնը թեքվել էր դեպի Առաջնորդը և խանդավառված հաշիվ էր տալիս նրան, թե որ գնացքներից է ինքը ուշացել և որ գնացքին հասել․ նա ապրում էր Դուգլաստոնում, Լոնգ֊Այլենդում։

Մեր առաջնորդը շատ էր նյարդայնանում։ Նա ոչ միայն բնավ չէր աջակցում խոսակցությանը, այլև գրեթե չէր լսում, աղջիկն ինչ է ասում։ Հիշում եմ, որ հոսանքափոխման լծակի գլուխը դուրս թռավ նրա ձեռքի տակից։

Երբ մենք դուրս եկանք «պիկապից», Մերի Հադսոնը նույնպես եկավ մեր պոչից։ Չեմ կասկածում, որ երբ մոտեցանք բեյսբոլի հրապարակին, բոլոր կոմանչների դեմքին նույն միտքն էր կարդացվում․ «Աղջիկներ կան, որ չգիտեն երբ պետք է տուն գնալ»։ Եվ ի լրումն այդ ամենի, երբ ուրիշ կոմանչների հետ գիր ու ղուշ գցեցինք, որպեսզի բաժանենք դաշտերը, Մերի Հադսոնը երկչոտ ցանկություն հայտնեց մասնակցել խաղին։ Պատասխանը ավելի քան պարզ էր։ Մինչ այդ պահը կոմանչները տարակուսանքով էին նայում իգական սեռի այդ ներկայացուցչին, իսկ հիմա նրանց հայացքներում վրդովմունք բռնկվեց։ Բայց Մերին ի պատասխան ժպտաց մեզ։ Մենք մի քիչ շփոթվեցինք։ Այստեղ միջամտեց մեր Առաջնորդը, հանդես բերելով նախկինում որոշ հանգամանքներում շփոթվելու իր քողարկված ունակությունը։ Մերի Հադսոնին տանելով մի կողմ, որպեսզի կոմանչները չլսեն, նա ապարդյուն ջանք էր թափում նրա հետ լրջորեն և ազդու խոսել։

Սակայն Մերի Հադսոնը ընդհատեց նրան, և նրա ձայնը որոշակիորեն լսեցին բոլոր կոմանչները։ ― Բայց ախր ես ուզում եմ խաղալ։

Առաջնորդը գլխով արեց և նորից սկսեց նրան համոզել։ Նա ցույց տվեց թաց, ամբողջապես փոսերով ծածկված դաշտը։ Վերցրեց ծեծանը և ցուցադրեց, թե որքան ծանր է։

― Միևնույն է, ― բարձր ասաց Մերի Հադսոնը։ ― Անտեղի՞ եմ հասել Նյու֊Յորք, իբրև թե ատամնաբույժի մոտ և այլն։ Չէ, ես ուզում եմ խաղալ։

Առաջնորդը դարձյալ տարուբերեց գլուխը, բայց զիջեց։ Նա դանդաղ մոտեցավ այնտեղ, ուր սպասում էին Կտրիճներն ու Ռազմիկները, ― այդպես էին կոչվում մեր թիմերը, և նայեց ինձ։ Ես Ռազմիկների կապիտանն էի։ Նա հիշեցրեց, որ իմ կենտրոնական հարձակվողը հիվանդ է, չի եկել, և առաջարկեց որպես փոխարինող Մերի Հադսոնին։ Ես ասացի, որ առհասարակ փոխարինողի կարիք չունեմ։ Առաջնորդն ասաց՝ իսկ ինչո՞ւ, գրողը տանի։ Ես քարացա։ Նա առաջին անգամ էր մեր ներկայությամբ հայհոյում։ Ավելի վատ, ես տեսա, որ Մերի Հադսոնը ժպտում է ինձ։ Որպեսզի ինքս ինձ հավաքեմ, մի քար վերցրի ու նետեցի ծառի վրա։

Մենք էինք սկսում խաղը։ Սկզբում կենտրոնական հարձակվողն անելիք չուներ։ Առաջին շարքից ես երբեմն ետ էի նայում։ Եվ ամեն անգամ Մերի Հադսոնը ուրախ՝ ձեռքը թափահարում էր իմ կողմը։ Ձեռքը բեյսբոլային ձեռնոցի մեջ էր․ պողպատի համառությամբ Մերին պնդեց իր խոսքը և ձեռնոցը հագավ։ Սարսափելի տեսարան էր։

Մեր թիմում Մերի Հադսոնը ըստ գնդակի մատուցման՝ իններորդն էր։ Երբ ես հայտնեցի նրան այդ բանը, նա ծամածռեց դեմքն ու ասաց․

― Լավ, միայն թե շուտ արեք։ ― Եվ որքան էլ տարօրինակ լինի, մենք իսկապես շտապեցինք։ Եկավ նրա հերթը։ Այդ առիթի կապակցությամբ նա հանեց մորթե մուշտակն ու բեյսբոլային ձեռնոցը և կանգնեց մի տեղում՝ մուգ դարչնագույն զգեստով։ Երբ ծեծանը տվեցի նրան, ասաց՝ ինչո՞ւ է այդպես ծանր։ Առաջնորդը անհանգստանում էր և դատավարական տեղից գնաց նրան ավելի մոտ կանգնեց։ Նա Մերի Հադսոնին պատվերց ծեծանի ծայրը հենել աջ ուսին։ ― Ես արդեն հենել եմ, ― ասաց նա։ Առաջնորդը պատվիրեց շատ ուժեղ չսեղմել։ ― Իսկ ես չեմ էլ սեղմում։ ― Առաջնորդը պատվիրեց նրան ուղիղ գնդակին նայել։ ― Ես նայում եմ, ― ասաց Մերին։ ― Հապա մի ետ քաշվիր։

Ուժեղ հարվածով նա ետ տվեց առաջին իսկ իրեն ուղղված գնդակը, որ թռավ ձախ եզրայինի գլխի վրայով։ Նույնիսկ որպես սովորական հարված դա գերազանց էր, բայց Մերի Հադսոնը անմիջապես երրորդ դիրքն անցավ․ հենց այդպես, շատ սովորական։

Իմ մեջ զարմանքը նախ փոխարինվեց վախով, իսկ հետո՝ հիացմունքով, և միայն այդ բոլոր զգացումներից հետո ես նայեցի մեր Առաջնորդին։ Թվում էր, նա ոչ թե կանգնած է հարվածողի ետևում, այլ թևածում է նրա վերևում։

Նա անսահման երջանիկ էր։ Մերի Հադսոնը հեռավոր դիրքից ձեռքով էր անում ինձ։ Ես էլ նրան ձեռքով արեցի։ Այստեղ ոչ ոք չէր կարող արգելել ինձ։ Բանը ծեծան բանեցնելը չէր, նա հեռվից ձեռքով անելն էլ գեղեցիկ էր կատարում։ Մինչև խաղի վերջը միշտ նպատակակետին խփեց։ Չգիտեմ ինչու, նրան դուր չէր գալիս առաջին դիրքը, այնտեղ նա ոչ մի կերպ չէր կարողանում դիմանալ։ Երեք անգամ քաշվեց երկրորդ դիրք։

Նա ձեռքից շատ վատ էր ընդունում, բայց մենք արդեն այնպես էինք տարվել խաղով, որ ժամանակ չկար դրան ուշադրություն դարձնելու։ Իհարկե, շատ ավելի լավ կխաղար, եթե ետ մղեր ինչով ասես, համենայն դեպս՝ ո՛չ բեյսբոլյան ձեռնոցով։ Իսկ նա ոչ մի կերպ չէր ուզում ձեռնոցից բաժանվել։ Չէ, ասում էր, ախր շատ լավն է։

Ամբողջ ամսվա ընթացքում նա կոմանչների հետ բեյսբոլ խաղաց շաբաթական երկու անգամ (երևում է, այդ օրերին գալիս էր ատամնաբույժի մոտ)։ Երբեմն ժամանակին էր դիմավորում «պիկապին», երբեմն ուշանում էր։ Մեկ ամբողջ ժամանակ ճռվողում էր մեքենայի մեջ, մեկ լռում և ծխում իր սիգարետները։ Իսկ երբ ես նստած էի լինում նրա կողքին, հրաշալի օծանելիքի բույր էի առնում նրանից։

Ապրիլյան մի ցուրտ օր մեր Առաջնորդը, ինչպես միշտ, հավաքելով մեզ Հարյուրիններորդի և Ամստերդամյանի անկյունում, մեքենան թեքեց դեպի Արևելք, Հարյուրտաներորդի մոտ, և գնաց սովորականի պես Հինգերորդ ավենյուով։ Բայց նրա մազերը հարթեցված էին թաց խոզանակով, կաշվե բաճկոնի փոխարեն նրա հագին գեղեցիկ վերարկու էր, և ես, ինքնըստինքյան հասկանալի է, ենթադրեցի, որ տեսակցություն ունի Մերի Հադսոնի հետ։ Իսկ երբ սովորականի պես մտանք զբոսայգի, այլևս չէի կասկածում։ Առաջնորդը, ինչպես և ենթադրվում էր, մեքենան կանգնեցրեց Վաթսուներորդ փողոցի մի անկյունում։ Եվ որպեսզի ժամանակը սպանի առանց կոմանչներին վնասելու, նա նստեց դեմքով դեպի մեզ ու «Մարդը, որ ծիծաղում է» շարքի նոր սերիա սկսեց։ Այդ սերիան հիշում եմ ամենայն մանրամասնությամբ և պետք է համառոտ պատմեմ ձեզ։


Հանգամանքների բերումով Մարդու լավագույն ընկերը, ձեռնասուն հսկա֊գայլը՝ Սևաթևը, խորամանկ ու խարդախ Դյուֆարժի լարած ծուղակն է ընկնում։ Տեղյակ լինելով Մարդու վեհանձնության ու ընկերների հանդեպ ունեցած հավատարմությանը՝ Դյուֆարժները առաջարկում են ազատել Սևաթևին, փոխարենը իրեն գերի վերցնելու պայմանով։ Անվերապահորեն հավատալով նրանց՝ Մարդը համաձայնում է այդ պայմանին (երբեմն շատ փոքրիկ հարցերում նրա ուղեղի հանճարեղ մեխանիզմը չէր աշխատում)։ Պայմանավորվում են, որ Դյուֆարժները Մարդուն կհանդիպեն Փարիզը շրջապատող կուսական անտառում և այնտեղ էլ լուսնի լույսի տակ ազատ կարձակեն Սևաթևին, որից նրանք վախենում էին և ատում։ Նշանակված գիշերը Սևաթևի փոխարեն նրանք մեկ ուրիշ գայլի են կապկպում, ետևի թաթը ներկելով սպիտակ, որպեսզի լիովին նմանվի Սևաթևին։

Սակայն Դյուֆարժները մոռացել էին երկու բան՝ Մարդու զգայուն սիրտը և գայլային լեզվի նրա իմացությունը։ Հենց որ մարդը հնարավորություն տվեց Դյուֆարժի դստերը՝ փշալարով ծառին կապկպել իրեն, նրա հիանալի քաղցրալուր ձայնը սրտի թելանդրանքով հրաժեշտի ուղերձ հնչեցրեց նրա համար, ում որ նա ընդունել էր իր հին բարեկամի փոխարեն։ Փոխարինող գայլը, մի քանի քայլ հեռու կանգնած լուսնի լույսով լուսավորված բացատում, ապշել էր անծանոթի լեզվական իմացությունից և քաղաքավարությամբ ունկնդրում էր ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ բնույթի ուղերձը։ Բայց հետո դա ձանձրացրեց նրան, և նա սկսեց մի թաթից մյուսի վրա հենվել։ Հանկարծ նա բավական կտրուկ ընդհատեց Մարդուն, հայտնելով, որ նախ՝ իրեն ոչ Թխաթև, ոչ Սևաթև են կոչում և ոչ էլ Գորշոտք, և ընդհանրապես ոչ մի հիմար անունով, իր անունը Արման է, երկրորդն էլ՝ ինքը կյանքում երբեք չի եղել Չինաստանում և ոչ էլ փոքր֊ինչ ցանկություն ունի այնտեղ ընկնելու։

Արդարացիորեն զայրացած՝ Մարդը լեզվով պոկեց դիմակը և լուսնի լույսի տակ Դյուֆարժներին ներկայացավ իր դեմքի ամբողջ մերկությամբ։ Մադմաուզել Դյուֆարժն անմիջապես ուշաթափ եղավ։ Հոր բախտն ավելի բերեց։ Բարեբախտաբար բռնեց նրա սովորական թոքախտային հազի նոպան, և նա փրկվեց մահացու վախից։

Երբ նոպան անցավ, նա լուսնի լույսի տակ տեսավ աղջկա անզգայացած մարմինը և անմիջապես ամեն ինչ հասկացավ։ Աչքերը ձեռքի ափով ծածկելով՝ նա իր ամբողջ ատրճանակը պարպեց ծանր սուլոցով շնչող Մարդու վրա։

Այսքանով պատմությունը ավարտվեց մինչև հաջորդ թողարկումը։ Առաջնորդը գրպանից հանեց իր մեկ դոլլարանոց ժամացույցը, նայեց, շուռ եկավ դեպի ղեկը և մոտորը գործի գցեց։ Ես նայեցի ժամացույցիս։ Գրեթե չորսն անց էր կես։ Երբ մեքենան շարժվեց, ես Առաջնորդին հարցրի․ ― Մի՞թե չենք սպասելու Մերի Հադսոնին։ Նա չպատասխանեց, և նախքան ես կհասցնեի կրկնել հարցս, ետ շրջվեց և բոլոին ասաց․ ― Հապա եկեք չխոսենք։ Լռություն։ ― Ինչպես էլ որ նայում ես, դա անիմաստ հրաման էր։ Մեքենայում մինչ այդ էլ, այդ ժամանակ լռություն էր տիրում։ Բոլորը մտածում էին այն անախորժության մասին, որի մեջ ընկել էր Մարդը։ Չէ՛, մենք վաղուց այլևս չէինք վախենում Մարդու համար, ― շատ էինք հավատում նրան, ― բայց երբ նոր վտանգի մեջ էր ընկնում, ոչ մի խոսակցություն այլևս չէր հետաքրքրում մեզ։


Մենք արդեն երեք թե չորս թայմ խաղացել էինք, երբ հեռվից նկատեցի Մերի Հադսոնին։ Նա նստել էր նստարանին, ինձնից դեպի ձախ, մի հարյուր մետրի վրա, մանկասալյակներով երկու դայակների միջև։ Նրա հագին մորթե մուշտակ էր, նա սիգարետ էր ծխում և կարծես նայում մեր կողմը։ Ես հուզվեցի՝ այդպիսի հայտնությո՜ւն, և ձայն տվի մեր Առաջնորդին, որ կանգնած էր գնդակը նետողի ետևում։ Նա շտապեց ինձ մոտ՝ ջանալով չվազել։

«Որտե՞ղ է», ― հարցրեց։ Ես ցույց տվի։ Նա նայեց այն կողմ, ապա ասաց․ «Մի րոպեից կգամ»։ Եվ դուրս եկավ դաշտից։ Նա դանդաղ էր գնում, արձակելով վերարկուի կոճակները և ձեռքերը տաբատի գրպանները դնելով։ Ես նստեցի առաջին դիրքի մոտ ու սկսեցի նայել նրա ետևից։ Երբ մոտենում էր Մերի Հադսոնին, վերարկուն արդեն կոճկված էր մինչև վերջ, իսկ ձեռքերը կողքերին ձգված։

Նա աղջկա մոտ կանգնեց մի հինգ րոպե, ինչ֊որ բան ասաց։ Հետո Մերի Հադսոնը վեր կացավ, և երկուսով եկան դեպի հրապարակ։ Ճանապարհին երկուսն էլ լուռ էին և ոչ մի անգամ չնայեցին իրար։ Երբ մոտեցան, և Առաջնորդը կրկին կանգնեց իր տեղում, ես գոռացի․

― Իսկ նա խաղալո՞ւ է։

Առաջնորդն ասաց՝ ավելորդ չխոսել։ Ես ավելորդ չխոսեցի, բայց աչքս չէի հեռացնում Մերի Հադսոնից։ Նա դանդաղ անցավ խաղահրապարկի երկարությամբ, ձեռքերը մուշտակի գրպանները խոթաց, և վերջապես նստեց տեղից ետ մղած նստարանին, երրորդ դիրքի ետևում։ Նա ոտքը ոտքին գցած սիգարետ էր ծխում։

Երբ արդեն Ռազմիկներն էին գնդակը նետում, մոտեցա նրա նստարանին ու հարցրի, թե չի՞ ցանկանում արդյոք խաղալ ձախ թևում։ Նա տարուբերեց գլուխը։

Հացրի․ ― Հարբո՞ւխ ունեք։ ― Բայց նա կրկին տարուբերեց գլուխը։

Ես ասացի, որ ձախ թևում ոչ մեկը չկա, որ խաղա։ Բացատրեցի, որ իմ թիմում միևնույն տղան է և ձախ թևում խաղում, և կենտրոնում։ Այդ հաղորդմանս ոչ մի պատասխան չտրվեց։ Ես ձեռնոցս վեր նետեցի, փորձելով խփել գլխով, բայց վրիպեցի, ընկավ ցեխի մեջ։ Ձեռնոցս քսեցի տաբատիս և Մերի Հադսոնին հարցրի․ արդյոք հյուր չի՞ գա մեր տուն, ճաշին։ Ես բացատրեցի, որ Առաջնորդը հաճախ է հյուր գալիս մեզ։

― Հանգիստ թող ինձ, ― ասաց նա։ ― Խնդրում եմ, հանգիստ թող։

Աչքերս լայն բացած նայեցի նրան, հետո գնացի դեպի նստարանը, որտեղ նստած էին իմ Ռազմիկները, ու գրպանիցս մի մանդարին հանելով, սկսեցի վեր֊վեր թռցնել օդում։ Տուգանային գծին չհասած՝ սկսեցի ետ֊ետ գնալ, նայելով Մերի Հադսոնին և շարունակելով վեր֊վեր թռցնել մանդարինը։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում նրա և մեր Առաջնորդի միջև, հիմա էլ զգացողությամբ աղոտ ենթադրություններ եմ անում, բայց, այնուամենայնիվ, իմ մեջ աճում էր համոզմունքը, որ Մերի Հադսոնը ընդմիշտ դուրս թռավ կոմանչների ցեղից։ Այդ համոզմունքը, արտաքին հանգամանքներից անկախ, այնպես ազդեց նույնիսկ ետ֊ետ գնալուս կանոնավոր ունակության վրա, որ ես կպա ուղիղ մանկասայլակին։

Հաջորդ թայմից հետո խաղալու համար արդեն մութ էր։ Մենք ավարտեցինք խաղը և սկսեցինք հավաքել գործիքները։ Ես մի անգամ էլ հասցրի նայել Մերի Հադսոնին․ նա կանգնել էր հրապարակի եզրին ու լաց էր լինում։ Առաջնորդը ուզում էր բռնել նրա մուշտակի թևը, բայց նա դուրս պրծավ։ Վազեց ցեմենտած ճանապարհով, այնքան, մինչև որ անհետացավ։ Առաջնորդը նրա ետևից չվազեց։ Միայն հայացքով ուղեկցեց, մինչև որ նա չքացավ։ Հետո շուռ եկավ, մտավ դաշտ, վերցրեց մեր երկու ծեծաններն ու տարավ դրեց մեքենայի մեջ։ Ես մոտեցա նրան և հարցրի․ գուցե նա ու Մերի Հադսոնը խռովե՞լ են։ Ասաց․ ― Քիթդ ամեն տեղ մի՛ խոթիր։

Ինչպես միշտ, մենք՝ կոմանչներս, ճիչ ու գոռոցով վազեցինք դեպի մեր մեքենան, հրելով ու հրմշտելով իրար։ Բոլորը հիանալի հասկանում էին, որ հիմա գալիս է Մարդու պատմության ժամանակը։ Հինգերորդ ավենյուն անցնելիս ինչ֊որ մեկը ձեռքից գցեց իր պահեստային սվիտերը, և սայթաքելով դրա վրա, ես հասակովս մեկ փռվեցի։ Հասնելով մեքենային, տեսա, որ լավագույն տեղերն զբաղված են, ու հարկարդրված եղա նստել միջին շարքում։ Տրամադրությունս ընկնելուց ես արմունկով հասցրի աջ կողքիս նստածին, հետո դուրս նայեցի և տեսա, թե մեր Առաջնորդն ինչպես էր անցնում փողոցը։ Այնքան էլ դեռ մութ չէր, բայց արդեն մթնշաղ էր, ինչպես սովորաբար լինում էր հինգ անց քառորդ։ Մեր Առաջնորդը անցնում էր փողոցը՝ օձիքը բարձրացրած, ծեծանները թևի տակ դրած, հայացքը սալահատակին հառած։ Նրա սև մազափունջը, որ այնպես հարթեցված էր թաց խոզանակով, այժմ չորացել էր ու քամու բերանն ընկել։ Հիշում եմ, ափսոսացի, որ նա ձեռնոցներ չունի։

Ինչպես միշտ, նրա գալուն պես մեքենայի մեջ լռություն տիրեց։ Այսինքն՝ հարաբերական լռություն, ինչպես թատրոնում։ Մեկը փութկոտ շշուկով ավարտեց իր խոսքը, մյուսն անմիջապես ընդհատեց նրան։ Եվ այնուամենայնիվ, առաջին խոսքը, որ ասաց մեր Առաջնորդը, հետևյալն էր․

― Լռություն, երեխաներ, թե չէ ոչինչ չեմ պատմի։

Անմիջապես լիակատար լռություն տիրեց, այնպես որ Առաջնորդին մնում էր նստել տեղն ու պատրաստվել պատմությունն սկսելուն։ Նստելով, նա հանեց թաշկինակն ու մաքրեց նախ մեկ, ապա մյուս ռունգը։ Մենք այդ տեսարանին նայում էինք համբերությամբ։ Քիթը մաքրելուց հետո նա թաշկինակը խնամքով ծալեց չորս տակ և դրեց գրապանը։ Եվ սկսեց Մարդը, որ ծիծաղում է պատմության նոր թողարկումը։ Շարունակվեց այն հինգ րոպեից ոչ ավելի։

Դյուֆարժի չորս գնդակները խրվեցին Մարդու մարմնի մեջ, դրանից երկուսը՝ ուղղակի սիրտը։ Իսկ երբ Դյուֆարժը, որը դեռ չէր բացում աչքերը, որպեսզի չտեսնի Մարդու դեմքը, լսեց դիմացից եկող մահամերձ տնքոցները, ցնծաց։ Չարագործի սիրտը ուրախ թրթռած, նա նետվեց դստեր կողմը, որ ընկած էր ուշաթափ, և ուշքի բերեց նրան։ Հրճվանքից իրենց կորցրած՝ երկուսն էլ վախկոտի քաջությամբ միայն հիմա համարձակվեցին նայել Մարդու վրա, որ ծիծաղում էր։ Նրա գլուխը բռնված էր հոգեվարքի տանջանքներով, ծնոտը քսվում էր արնաշաղախ կրծքին։ Դանդաղ ու ագահորեն հայր ու աղջիկ մոտենում էին իրենց որսին։ Բայց նրանց փոքր անակնկալ չէր սպասում։ Մարդը բոլորովին էլ չէր մեռել, նա գաղտնի ձևերով կծկել էր փորի մկանները։ Եվ երբ Դյուֆարժները մոտեցան, նա հանկարծ բարձրացրեց գլուխը, քրքջաց անդրշիրիմյան ձայնով և խնամքով, նույնիսկ բծախնդրորեն, իրար ետևից դուրս թքեց բոլոր չորս գնդակները։ Այդ սխրանքը այնպես շշմեցրեց Դյուֆարժներին, որ նրանց սրտերը տառացիորեն պայթեցին, ու երկուսն էլ՝ և՛ հայրը, և՛ աղջիկը, մեռած ընկան ոտքերի մոտ Մարդու, որ ծիծաղում էր։ (Եթե թողարկումը նախատեսված էր համառոտ անել, կարելի էր կանգ առնել հենց այդտեղ․ կոմանչները Դյուֆարժների մահվան բացատրությունը հեշտությամբ կգտնեին։ Բայց պատմությունը շարունակվեց)։

Մարդը օրեր շարունակ փշալարով կապված մնաց ծառին, իսկ Դյուֆարժների դիակները՝ նրա ոտքերի մոտ ընկած։ Մահը երբեք այդքան մոտ չէր եղել նրան, նրա վերքերից արյուն էր ծորում, իսկ ձեռքի տակ արծվի արյուն չկար։ Եվ ահա մի անգամ նա խռպոտած, բայց ջերմ ձայնով օգնության կանչեց անտառի գազաններին։ Հանձնարարեց նրանց իր մոտ կանչել հաճելի թզուկ Օմբային։ Եվ նրանք կանչեցին։ Բայց երկար է Փարիզից֊Չինաստան գնալ֊գալը ու երբ Օմբան դեղարկղիկը և արծվի արյան թարմ պաշարը ձեռքին ներկայացավ, Մարդն արդեն ուշաթափվել էր։ Օմբան նախ և առաջ գթասրտության արարողություն կատարեց, բարձրացրեց իր տիրոջ դիմակը, որ ընկած էր մադմաուզել Դյուֆարժի մարմնի մեջ վխտող որդերի վրա։ Նա հարգալիրությամբ ծածկեց սոսկալի դեմքը, ապա նոր սկսեց կապել վերքերը։

Երբ Մարդը, որ ծիծաղում էր, վերջապես բացեց կուլ գնացած աչքերը, Օմբան արծվի արյունը շտապ մոտեցրեց դիմակին։ Բայց մարդը ձեռք չտվեց նրան։ Թուլացած ձայնով նա տվեց իր սիրելու՝ Սևաթևի անունը։ Օմրան խոնարհեց գլուխը, ― նա նույնպես շատ գեղեցիկ չէր, ― և հայտնեց իր տիրոջը, որ Դյուֆարժները սպանել են նրա հավատարիմ գայլ Սևաթևին։ Մի սրտակեղեք, վշտաբեկ հառաչանք դուրս թռավ Մարդու կրծքից։ Թույլ ձեռքը նա մեկնեց արծվի արյամբ լի անոթին ու ջարդեց այն։ Արյան մնացորդը բարակ շիթով հոսեց նրա մատների վրայով։ Նա Օմբային հրամայեց շրջել դեմքը, և Օմբան հեկեկալով ենթարկվեց նրան։ Ու նախքան դեմքը արյունով հեղված հողին դարձնելը, Մարդը, որ ծիծաղում էր, մահամերձ ջղաձգության մեջ պոկեց դիմակը։

Սրանով էլ, հասկանալի է, ավարտվեց պատմությունը։ (Շարունակություն երբեք այլևս չեղավ)։ Մեր Առաջնորդը քշեց մեքենան։ Ինձնից քիչ հեռու նստած Վիլլի Ուոլշը՝ կոմանչներից ամենակրտսերը, դառը հեկեկաց։ Ոչ ոք նրան չասաց՝ լռիր։ Ինչպես այսօր, հիշում եմ, իմ ծնկներն էլ էին դողում։

Մի քանի րոպե անց, երբ դուրս եկա մեքենայից, հանկարծ տեսա, որ լապտերասյան հիմքի մոտ մի կտոր բարակ ալ գույնի փաթեթաթուղթ էր ընկած քամու բերանը։ Սա շատ էր նման կակաչի ծաղկաթերթիկներից շինված այն դիմակին։ Երբ տուն եկա, ատամներս անզսպորեն իրար էին զարկվում, և ինձ պատվիրեցին անմիջապես անկողին մտնել։



  1. Կորպորացիոն ոգով։