Մեծն Գեթսբին

Գրապահարան-ից
Մեծն Գեթսբին

հեղինակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
թարգմանիչ՝ Սոնա Սեֆերյան


Կրկին Զելդային

Թե սիրելվույդ կհուզի, դիր քո ոսկի գլխարկը.
Թե կարող ես դու թռչել, թռիր բարձր նրա համար.
Մինչև որ նա կկանչի. «Ոսկի, սիրուն գլխարկով՝
բարձր թռչող սիրելիս,
Ի՛մը եղիր առհավետ...»

ԹՈՄԱՍ ՓԱՐՔ Դ՚ԻՆՎԻԼԻԵ

Գլուխ առաջին

Պատանեկությանս տարիներին, երբ ես առավել դյուրընկալ էի, հայրս ինձ մի խորհուրդ տվեց, որը մինչև օրս չեմ մոռացել։ «Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշիր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»։

Նա միայն այսքանն ասաց, բայց մենք միշտ անխոս հասկանում էինք միմյանց, և ես գիտեի, որ նա շատ ավելին է մտածում, քան ասածն է։ Հետևաբար, դատողությունների մեջ զուսպ լինելը դարձել է ինձ համար սովորություն, որի շնորհիվ ամենաբարդ խառնվածքի տեր մարդիկ իրենց սրտերն են բացել իմ առաջ, բայց հաճախ այդ սովորությունը ինձ զոհ է դարձրել անուղղելիորեն կպչուն մարդկանց։ Անառողջ ուղեղը անմիջապես որսում է զուսպ լինելու այս հատկությունը և եթե այդ նկատում է առողջ մարդու մոտ, կառչում է դրանից։ Եվ ահա, պատահեց այնպես, որ դեռևս քոլեջում ինձ հանիրավի մեղադրում էին պոլիտիկան լինելու մեջ, որովհետև անհաղորդ և ինքնամփոփ ուսանողներն ինձ մասնակից էին դարձնում իրենց թաքուն վշտերին։ Գաղտնիքներից շատերին տեղեկացել եմ ակամա։ Հաճախ ձևացրել եմ, թե քունս տանում է, զբաղված եմ, կամ՝ անբարյացակամ, կամ էլ փորձել եմ կատակի տալ, երբ որոշակիորեն զգացել եմ, որ հորիզոնում խոստովանություն է գծագրվում, քանզի երիտասարդների մտերմիկ խոստովանությունները, կամ համենայն դեպս դրանց արտահայտւման ձևերը, սովորաբար բանագողության նման մի բան են և որպես օրենք՝ ասելիքն էլ ասում են ոչ լրիվ։ Դատողությունների մեջ զուսպ լինելը անհատնում հույսի գրավական է։ Ես մինչև հիմա էլ փոքր-ինչ վախենում եմ որևէ սխալ թույլ տալ՝ մոռանալու դեպքում այն, ինչ ժամանակին ասում էր հայրս ցուցամոլությամբ, և նույն ցուցամոլությամբ կրկնում եմ ես, այսինքն, որ մարդկանց ի ծնե անհավասար է բաշխված հիմնական բարոյական արժեքներն զգալու կարողությունը։

Եվ ահա, իմ համբերությամբ պարծենալուց հետո, պետք է ընդունեմ, որ համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Մարդու վարքագիծը կարող է տարբեր հիմքեր ունենալ՝ և՛ կարծր ժայռ, և՛ լպրծուն ճահճուտ, բայց գալիս է, մի պահ, երբ ինձ համար այլևս ոչ մի կարևորություն չունի, թե այն ինչի վրա է հիմնված։ Անցյալ աշնան, երբ տուն վերադարձա արևելքից, աշխարհը համազգեստի ու բարոյական զգաստության մեջ տեսնելու ցանկություն ունեի։ Ես ամենևին չէի ուզում արտոնյալի պես շռնդալից մուտք գործել մարդկային սրտի խորքը։ Բացառությունը միայն գեթսբին էր, որի անունով և կոչվում է այս գիրքը․ Գեթսբին, որ թվում է իր մեջ էր ամփոփում այն ամենը, ինչ ես բացեիբաց արհամարհում եմ։ Եթե մարդու մասին դատելու լինենք ըստ այն բանի, թե նա ինչպես է իրեն դրսևորում, ապա՝ այդ մարդու մեջ հիրավի վեհաշու մի բան կար, կյանքի բոլոր խոստումներն ընկալելու մի խորին գերզգայնություն, կարծես նա մասն էր այն բարդ սարքերից մեկի, որոնք գրանցում են երկրաշարժերը՝ տասը հազար մղոն հեռավորության վրա։ Արագ արձագանքելու այս հատկությունը բնավ չպետք է նույնացնել տպավորվելու հետ, ինչը ճոռոմ կերպով անվանում են «արտիստական խառնվածք». դա հազվագյուտ մի շնորհ էր հույսի, դա ռոմանտիկ խանդավառություն էր, որպիսին երբեք չեմ տեսել ուրիշ մեկի մեջ և հավանաբար երբեք էլ չեմ տեսնի։ Սակայն Գեթսբին վերջում արդարացրեց իրեն․ ոչ թե նա ինքը, այլ այն, ինչ կախված էր նրա գլխին, այն թունավոր փոշին, որ պարուրել էր նրա երազանքը, ինձ ստիպել էր առժամանակ իսպառ կորցնել հետաքրքրությունս մարդկանց վաղանցիկ տխրությունների և կարճատև ուրախությունների հանդեպ։

*  *  *



Իմ ընտանիքը արդեն երեք սերունդ է ինչ հայտնի է ու հարուստ Միջին Արևմուտքի այս քաղաքում։ Քարավեյները տոհմի պես մի բան էին և, ըստ ընտանեկան ավանդության, գիտեինք, որ սերել ենք Բաաքլուի դքսերից, սակայն իմ ճյուղի իսկական հիմնադիրը պետք է համարել պապիս եղբորը, որն այստեղ էր եկել 1851 թվականին, իր փոխարեն վարձկան զինվոր էր ուղարկել քաղաքացիական պատերազմ, իսկ ինքը մետաղյա իրերի մեծածախ առևտրի գործ սկսել, որ մինչև օրս էլ ղեկավարում է հայրս։

Ես երբեք չեմ տեսել իմ այդ նախնուն, բայց ինձ նմանեցնում են նրան՝ վկայակոչելով հորս գրասենյակում կախված բավական մռայլ դիմանկարը։ Ավարտել եմ Նյու Հեյվընի համալսարանը՝ 1915 թվականին։ Հորիցս ուղիղ քառորդ դար հետո, իսկ քիչ անց մասնակցել եմ համաշխարհային մեծ պատերազմին, մի անվանում, որ սովորաբար տալիս են տևտոնյան ցեղերի ուշացած գաղթին։ Ես այնպիսի մեծ բավականություն ստացա հակահարձակումից, որ անգամ տուն դառնալուց հետո էլ հանգիստ չէի գտնում։ Միջին Արևմուտքը աշխարհի տաքուկ կենտրոնը լինելու փոխարեն այժմ թվում էր տիեզերքի մաշված քղանցքը, այնպես որ վճռեցի գնալ Արևելք՝ վարկային գործը սովորելու։ Իմ ճանաչած բոլոր մարդիկ այդ գործն էին անում, ուրեմն մի մարդ ևս կարող էր դրանով զբաղվել։ Մորաքույրերս ու հորեղբայրներս այդ հարցն այնպիսի լրջությամբ քննարկեցին, կարծես ինձ համար նախապատրաստական դպրոց էին ընտրում, և, վերջապես, անվճռական դեմքերով եզրակացրին՝ «Ինչու֊ո՜ւ չէ»։ Հայրս համաձայնեց ինձ դրամով օգնել մի տարի, և ահա այդ երկար ու բարակ քաշքշուկներից հետո 1922 թվականի գարնանը եկա Արևելք՝ ընդմիշտ հաստատվելու, գոնե ինձ այդպես էր թվում այն ժամանակ։

Առաջին գործս Նյու Յորքոսմ բնակարան գտնելն էր։ Եղանակը տաք էր, ես էլ նոր էի լքել լայն, կանաչ սիզամարգերի ու քնքուշ, մատղաշ, ծառերի երկիրը, և երբ գրասենյակում մի երիտասարդ առաջարկեց միասին տուն վարձել արվարձաններից մեկում, ուրախացա։ Նա ինքն էլ գտավ տունը՝ խավաքարտե հողմածեծ մի հյուղակ՝ ամսական ութսուն դոլարով, բայց վերջին պահին ֆիրման նրան Վաշինգտոն ուղարկեց, և ես մենակ տեղավորվեցի։ Շուն էի պահում, ճիշտ է, մի քանի օրից փախավ, բայց հոգ չէ, հետո մի հին «դոջ» գնեցի և վարձեցի ֆինն սպասուհի, որը հավաքում էր անկողինս, նախաճաշ էր պատրաստում և էլեկտրական վառարանի մոտ գործ անելիս քթի տակ ֆիննական խորիմաստություններ քրթմնջում։

Սկզբում մենակություն էի զգում, սակայն մի առավոտ ճամփին ինձ կանգնեցրեց ինչ֊որ մարդ, որն ըստ երևույթին նոր էր ժամանել։

— Ինչպե՞ս կարելի է գնալ Վեսթ Էգգ,— շվարած հարցրեց նա։

Բացատրեցի։ Եվ երբ առաջ անցա, այլևս մենակություն չէի զգում։ Ես արդեն դարձել էի բնիկ, ուղեկցորդ, ճանապարհ ցույց տվող։ Այդ մարդն ակամա ազատագրեց ինձ եկվորի կաշկանդվածությունից։

Եվ այսպես, արևաշողի և աչքիդ առաջ փունշ-փունջ բացվող բողբոջների հետ մեկտեղ, ինչպես արագացված շարժանկարներում է լինում, ես կրկին եկա այն համոզման, որ ամռան հետ կյանքը վերսկսվում է։

Մի կողմից՝ այնքան շատ բան կար կարդալու, իսկ մյուս կողմից՝ այնքան շատ կենարար ուժ կարելի էր ներծծել թարմ, բուրումնավետ օդից։ Ես տասնյակ հատորներ գնեցի բանկային ապառիկ գործի, կապիտալ ներդրումների ապահովագրության վերաբերյալ, և դրանք՝ շարված կարմիր ու ոսկեգույն կազմերով, ինչպես դրամահատարանից նոր դուրս եկած դրամներ, խոստանում էին պարզել այն շողշողուն գաղտնիքները, որ միայն Միդասը, Մորգանը և Մեկենասը գիտեին։ Բացի այդ, մտադրություն ունեի այլ գրքեր էլ կարդալու։ Քոլեջում զբաղվում էի գրականությամբ,― մի տարի շարունակ «Յեյլ Նյուզ» թերթի համար լուրջ ու խորիմաստ առաջնորդողներ եմ գրել,― հիմա էլ պատրաստվում էի նորից զբաղվել այդ գործով՝ վերստին դառնալով նեղ մասնագետ, այսպես ասած՝ լայն մտահորիզոնի տեր մարդ։ Սա սոսկ պարադոքս չէ․ ի վերջո, կյանքը շտ ավելի լավ ես դիտում, երբ նայում ես միակ պատուհանից։

Պատահականությանը հաճո էր, որ ես տուն վարձեի Հյուսիսային Ամերիկայի յուրօրինակ վայրերից մեկում։ Այն գտնվում էր մի երկարավուն աղմկահույզ կղզում, որը ընկած է Նյու Յորքից դեպի արևելք, և ուր բնության այլ քմահաճույքների կողքին երկու անսովոր հողակտորներ են առանձնանում։ Քաղաքից քսան մղոն հեռու, հսկայական մեծության մի զույգ միանման հրվանդաններ՝ նեղլիկ ծովածոցով բաժանված, մխրճվում են Արևելյան կիսագնդի ջրատարածության ամենաբնակեցված մասը՝ Լոնգ Այլընդ Սաունդի մեծ, խոնավ ամբարը։ Նրանք ճիշտ ձվաձև չեն, այլ Կոլումբոսի ձվի նման ծայրամասում քիչ տափակ, և նրանց արտաքին նմանությունը երևի շարունակ շփոթմունք է պատճառում վերը թռչող ճայերին։ Չնայած անթև արարածների համար շատ ավելի զարմանահրաշ պետք է լիներ նրանց ակնհայտ տարբերությունը ամեն ինչում, բացի ուրվագծից ու չափերից։

Ես ապրում էի Վեսթ Էգգում, դե, ինչպես ասեմ, երկու բնակավայրերից համեմատաբար ոչ այնքան հարմարավետում, թեև այդ ավելորդ բառային պիտակավորումը ամենևին չի արտահայտում այն արտառոց և փոքր֊ինչ չարաբաստիկ հակասությունը, որի մասին ուզում եմ խոսել։ Իմ տունը հրվանդանի ծայրին էր՝ Սաունդից հիսուն յարդ հեռու գտնվող երկու ճոխ առանձնատների արանքում, առանձնատներ, որոնց վարձը տասներկու կամ տասնհինգ հազար է ամռանը։ Աջ կողմս մի անսովոր հիասքանչ շինություն էր, իսկ և իսկ նորմանդական Hôtel de Ville, որի անկյունային աշտարակը վեր էր խոյանում թարմ, ցանցառ բաղեղի միջից, իսկ մարմարյա լողավազանը գտնվում էր ավելի քան քառասուն ակր զբաղեցնող մարգ ու այգու մեջ։ Դա Գեթսբիի առանձնատունն էր, ավելի ճիշտ՝ պատկանում էր այդ անունով մի մարդու, որովհետև ես չէի ճանաչում պարոն Գեթսբիին։ Իմ տունը աչքի փուշ էր, բայց այնքան աննշան փուշ, որ ոչ ոք չէր նկատում, այնպես որ ես ունեի ծովային տեսարան, հարևանիս այգու կեսը և միլիոնատերերի դրկիցը լինելու հաճելի գիտակցությունը, այդ բոլորի համար վճարելով ամսական ութսուն դոլար։

Նեղլիկ ծովածոցի մյուս կողմում շողշողում էին պերճաշուք Իսթ Էգգի ճերմակ պալատները։ Ըստ էության այս ամառվա պատմությունն սկսվեց այն երեկոյից, երբ ես մեքենայով գնացի այնտեղ տեր և տիկին Բյուքենենների տուն՝ ճաշի։ Դեյզին իմ զարմուհին էր, Թոմին ծանոթ էի քոլեջից։ Իսկ պատերազմից անմիջապես հետո Չիկագոյում երկու օր անցկացրել էի նրանց տանը։

Դեյզիի ամուսինը մարմնական բազմաթիվ առավելություններով օժտված լինելուց բացի, Նյու Հեյվընի ֆուտբոլի թիմի ամենահզոր եզրայիններից էր։ Նա իր երկրին բնորոշ կերպար էր, մեկն այն մարդկանցից, որոնք մինչև քսանմեկ տարեկանը մի որևէ ասպարեզում այնպես են առաջ գնում, որ հետագայում նրանց յուրաքանչյուրը քայլը թվում է անկում։ Նրա ընտանիքը անսահման հարստության տեր էր, և քոլեջում արդեն Թոմի շռայլությունը խոսակցության նյութ էր դարձել։ Հիմա էլ, Չիկագոն թողած, նա Արևելք էր եկել այնպիսի մի շուքով, որից մարդու շունչը կտրվում էր։ Օրինակ, Լեյք Ֆորիսթից բերել էր պոլո խաղալու ձիուկներ։ Դժվար էր պատկերացնել, որ իմ սերնդի մարդը կարող էր այդքան հարուստ լինել։ Ինչո՞ւ էին նրանք եկել Արևելք, չգիտեմ։ Առանց որոշակի դրդապատճառի մի տարի ապրել էին Ֆրանսիայում, ապա թափառել տեղից տեղ, ուր հարուստները պոլո էին խաղում և միասին վայելում կյանքը։ Դեյզին հեռախոսով ինձ ասաց, որ սա իրենց վերջին հանգրվանն է, բայց ես չհավատացի․ Դեյզիի հոգու խորքը չէի տեսնում, իսկ Թոմը, զգում էի, որ թափառելու է ամբողջ կյանքում՝ կարոտագին որոնելով անդարձ կորած ֆուտբոլի խաղի դրամատիկ մոլեգնությունը։

Եվ ահա, քամոտ, բայց տաք մի օր այցի գնացի Իսթ Էգգի իմ երկու հին ծանոթներին, որոնց ըստ էության կարգին չէի ճանաչում։ Նրանց տունը սպասածիցս շատ ավելի շքեղ էր՝ ուրախ, կարմրաճերմակ գաղութային Ջորջիա ոճի ծովահայաց մի ապարանք։ Մոտ քառասուն մղոն երկարության կանաչ սիզամարգը սկսվում էր հենց լողափից ու ձգվում մինչև նախադուռը՝ ցատկելով արևի ժամացույցների, աղյուսի կտորտանքներ շաղ տված ճեմուղիների ու բազմերանգ ծաղկաթմբերի վրայով և, ի վերջո միանալով տանը, մագլցում էր պատերն ի վեր՝ մատղաշ բաղեղների վերածված, ասես թափ առած լիներ։

Մեծ, մինչև գետին պատուհանների շարքը, որ հիմա ոսկե շողեր էր արտացոլում և լայն բացված էր երեկոյի տաք քամուն ընդառաջ, ձգվում էր շենքի ողջ առաջամասով, իսկ նախագավթում ոտքերն իրարից հեռու գրած կանգնած էր Թոմ Բյուքենենը՝ ձիավարժի հագուստով։

Նա փոխվել էր Նյու Հեյվընի տարիներից ի վեր։ Այժմ ամրակազմ, հարդագույն մազերով երեսնամյա տղամարդ էր, խիստ ընդգծված բերանով և բավական ամբարտավան շարժուձևերով։ Փայլուն գոռոզ աչքերը իշխում էին նրա դեմքին և այնպիսի տպավորություն ստեղծում, կարծես նրանց տերը միշտ պատրաստ էր հարձակման։ Անգամ ձիավարժի հագուստի կանացի նրբագեղությունը չէր թաքցնում նրա մարմնի անսահման ուժը․ թվում էր, թե քուղով մինչև վերջ ձգած պսպղուն երկարաճիտ կոշիկները նեղ էին գալիս ոտքերին, իսկ վերնաշապկի բարակ կտորի տակից մկանների մի ամբողջ խուրձ էր տեղահան լինում ուսի շարժմանը զուգընթաց։ Դա հսկայական ուժի տեր մի դաժան մարմին էր։

Նա կամակոր մարդու տպավորություն էր թողնում, ինչին նպաստում էր նրա կոպիտ, խռպոտ տենորը։ Նույնիսկ իր սիրած մարդկանց հետ խոսելիս նրա ձայնում ներողամիտ հայրական արհամարհանքի երանգ կար, որի պատճառով Նյու Հեյվընում շատերը տանել չէին կարող նրան։

«Ես, իհարկե, ձեզանից ավելի ուժեղ եմ և ավելի հզոր, սակայն իմ կարծիքը վերջնական մի համարեք»,— կարծես ասում էր նրա հայացքը։ Բարձր կուրսերում երկուսս էլ նույն ուսանողական ընկերության անդամ էինք, և չնայած երբեք մտերիմ չէինք եղել, բայց այն տպավորությունն եմ ունեցել, որ ես նրան դուր եմ եկել, և նա էլ իր հերթին, իրեն հատուկ հանդուգն, մարտական անհանգստությամբ ցանկացել էր ինձ դուր գալ։

Մենք մի փոքր զրուցեցինք արևոտ գավթում։

— Լավ տուն ունեմ,— ասաց նա, աչքերը պտտեցնելով չորս բոլորը։

Թևիս թեթևակի հպվելով շրջեց ինձ ու լայն, տափակ ձեռքով ցույց տվեց դիմացի տեսարանը՝ ներառնելով դարավանդներով իտալական պարտեզը, հարյուրավոր մետրերով ձգվող մուգ, բուրումնավետ վարդերը և ափի մակընթացությանը բախվող զբոսանավը։

— Նավթատեր Դեմեյնից եմ գնել այս կալվածքը,— նա ինձ կրկին քաղաքավարի ու կտրուկ շրջեց դեպի դուռը։— Գնանք ներս։

Մենք անցանք ընդարձակ միջանցքով և մտանք պայծառ, վարդագույն մի տարածություն, որը հազիվ էր միացած տանը՝ մինչև գետին հասնող բարձր, երկկողմանի լուսամուտներով։ Լայն բացված պատուհանները ճերմակին էին տալիս դրսի թարմ խոտի վրա, որը, թվում էր, ներաճել է տան մեջ։ Սենյակում թափառող զեփյուռը խունացած դրոշների նմանվող վարագույրները ծածանում էր մերթ գեպի դուրս, մերթ՝ ներս, մերթ թռցնում վեր, դեպի առաստաղը, որը թանձր շաքարահյութով ծածկված հարսանեկան կարկանդակ էր հիշեցնում և ապա՝ վետվետուն ստվերով թավալվում էր գինեգույն գորգի վրա, ինչպես քամին՝ ծովի մակերևույթին։

Սենյակի միակ անշարժ առարկան հսկայական մեծության բազմոցն էր, ուր, ասես խարիսխ գցած օդապարիկի վրա, թառել էին երկու երիտասարդ կանայք։ Նրանց սպիտակ զգեստները թրթռում էին ու ծփծփում, կարծես նրանց տերերը հենց նոր մի կարճ թռիչք գործած լինեին տան շուրջը։ Հավանաբար ես մի պահ մնացի կանգնած՝ ունկնդիր վարագույրների թափահարմանը և պատի նկարի շխկշխկոցին։ Ապա՝ չրը՛խկ, Թոմ Բյուքենենը փակեց առջևի պատուհանները, և թակարդն ընկած քամին հանդարտվեց սենյակում։ Վարագույները, գորգերն ու կանայք դանդաղ վայրէջք կատարեցին։

Կանանցից երիտասարդը անծանոթ էր ինձ։ Նա ամբողջ մարմնով փռվել էր բազմոցի մի ծայրին, միանգամայն անշարժ, ծնոտը թեթևակի բարձրացրած, ասես ընկնելու պատրաստ ինչ֊որ առարկա հավասարակշռելիս լիներ։ Եթե անգամ նշմարեց ինձ, ապա միայն աչքի պոչով, սակայն ուշադրության չարժանացրեց։ Չափազանց շփոթված, ես քիչ մնաց ներողություն մրմնջայի, որ իմ ներս գալով խանգարեցի նրան։

Մյուսը՝ Դեյզին, բարձրանալու փորձ արեց, մտահոգ արաահայտությամբ թեթևակի առաջ թեքվեց և իսկույն ևեթ ծիծաղեց՝ կարճ, հմայիչ, անհեթեթ։

Ես նույնպես ծիծաղեցի ու շարժվեցի առաջ։

― Ես խ-խե՜լքս թռցրել եմ երջանկությունից։

Նա կրկին ծիծաղեց, կարծես մի շատ սրամիտ բան ասած լիներ, և ձեռքս մի պահ սեղմելով՝ նայեց ուղիղ դեմքիս այնպիսի հայացքով, ասես աշխարհում չկար մեկը, որին այդքան տենչած չիներ տեսնելու։ Նա գիտեր այդպես նայել։ Հետո շշուկով ավելացրեց, որ «հավասարակշռող» աղջկա ազգանունը Բեյքեր է։ (Ասում են, Դեյզիի շշունջը ծուղակ է, որպեսզի խոսակցին ստիպի ավելի մոտ նստել։ Անտեղի բամբասանք, որը որը նրա այդ խոսելաձևը չի զրկում հմայքից)։

Ինչևիցե, օրիորդ Բեյքերի շրթունքները շարժվեցին, նա ինձ համարյա աննկատ գլխով արեց ու անմիջապես նորից ետ գցեց գլուխը. հավանաբար հավասարակշռող առարկան փոքր-ինչ տեղաշարժվել էր՝ նրան վախ պատճառելով։ Կրկին պատրաստվեցի ներողություն խնդրելու։ Բացարձակ ինքնավստահության յուրաքանչյուր դրսևորում ինձ վրա միշտ շշմեցուցիչ ազդեցություն է գործում։

Ապա ետ նայեցի զարմուհուս, որն սկսեց իր հուզիչ ձայնով հարցեր տալ։ Դա այնպիսի ձայն էր, որը շարունակ ուզում էիր լսել․ ասես յուրաքանչյուր խոսքը երաժշտական մի դրվագ լիներ, որն այլևս երբեք չէր կրկնվելու։ Նրա սիրունիկ թախծոտ դեմքը պայծառ դիմագծեր ուներ, պայծառ աչքեր և շարժուն, կրքոտ բերան, բայց նրա հուզիչ ձայնի մեջ շատ բան կար, և նրան սիրող տղամարդիկ չէին կարողանում մոռանալ երգեցիկ տիրական շշուկով ասված այն «Լսիր»֊ը, որը քիչ առաջվա ուրախության և զվարճության արձագանքն էր և հաջորդ վայրկյանի ուրախություն և զվարճություն խոստումը։

Ես պատմեցի, թե ինչպես Արևելք գալիս մի օր մնացել էի Չիկագոյում և մի խումբ մարդկանց ողջույնները հաղորդեցի նրան։

— Ուրեմն ինձ կարոտում են,— ցնծագին գոչեց նա։

— Ողջ քաղաքն անմխիթար վիճակում է։ Բոլոր մեքենաների ետևի ձախակողմյան անիվը սև է ներկած որպես սգո նշան, և ամբողջ գիշեր հյուսիսային ափով մեկ շարունակ լաց ու կոծ է լսվում։

— Ա՜յ քեզ հրաշք։ Թոմ, եկ վաղը ետ գնանք։— Ապա մի անսպասելի միտք հայտնեց։— Դու պետք է աղջկաս տեսնես։

— Հաճույքով։

— Նա հիմա քնած է։ Երեք տարեկան է փոքրիկս։ Չե՞ս տեսել նրան։

— Ոչ,

— Դե, ուրեմն, պետք է տեսնես։ Նա․․․

Թոմ Բյուքենենը, որ մինչ այդ անհանգիստ պտույտ էր գալիս սենյակում, կանգ առավ, ձեռքը դրեց ուսիս։

― Ի՞նչ գործի ես, Նիք։

— Վարկային գործ եմ անում։

— Ո՞ւմ մոտ։

Ասացի։

— Երբեք չեմ լսել,— մեծամտորեն նետեց նա։

Ես նյարդայնացա։

— Կլսես,— կարճ պատասխանեցի։— Կլսես, եթե մնաս Արևելքում։

— Հանգիստ եղիր, կմնամ,— ասաց նայելով Դեյզիին, ապա կրկին ինձ, ասես պատրաստվում էր հակահարձակման։— Ես այնքան էլ հիմար չեմ, որ գնամ այստեղից։

Այդ խոսքի վրա օրիորդ Բեյքերն ասաց. «Բացարձակապես», այնպիսի անսպասելիությամբ, որից ես վեր թռա։ Սենյակ մտնելուցս ի վեր դա նրա արտաբերած առաջին բառն էր։ Ըստ երևույթին, նա ինքն էլ նույնքան զարմացավ, ապա հորանջեց և մի քանի ճարպիկ շարժումներով ոտքի ելավ։

— Փայտացել եմ,— գանգատվեց նա,— ինչքան կարելի է պառկած մնալ բազմոցին։

— Ինչ ես ինձ նայում,— առարկեց Դեյզին,— ես ամբողջ օրն աշխատում էի քեզ Նյու Յորք տանել։

— Ոչ, շնորհակալ եմ,— ասաց օրիորդ Բեյքերը՝ նայելով մառանից հենց նոր բերած քոքթեյլներին։— Մրցումների նախօրեին չեմ խմում։

Տանտերը թերահավատ հայացք ձգեց նրա վրա։

— Ճի՞շտ,— նա մի կում արեց բաժակի պարունակությունը, կարծես եղածը մի կաթիլ լիներ։— Եվ ընդհանրապես, դու ինչպե՞ս ես որևէ արդյունքի հասնում, խելքս բան չի կտրում։

Ես նայեցի օրիորդ Բեյքերին, մտածելով, թե նա ինչ արդյունքի է հասնում։ Մարդ բավականություն էր ստանում նրան նայելուց։ Նրբակազմ աղջիկ էր, փոքր կրծքով, ձիգ կեցվածքով, որն ավելի էր ընդգըծվում նորաթուխ կադետի նման ուսերը ետ գցելու նրա սովորությամբ։ Մոխրագույն արևաշող աչքերը փոխադարձ քաղաքավարի հետաքրքրասիրությամբ զննում էին ինձ՝ հրապուրիչ, դալուկ, քմահաճ դեմքի բարձրությունից։ Ինձ հանկարծ թվաց, որ մի տեղ տեսել եմ նրան կամ նրա լուսանկարը։

― Դուք Վեսթ Էգգո՞ւմ եք ապրում,— մեծամտաբար հարցրեց նա։— Ես այնտեղ ծանոթներ ունեմ։

― Ես ոչ մեկին չեմ ճանաչում․․․

― Չի կարող պատահել Գեթսբիին չիմանաք։

― Գե՞թսբի,― հետաքրքրվեց Դեյզին։― Ինչ Գեթսբի։

Ես ուզեցի ասել, որ նա իմ հարևանն է, բայց չհասցրի։ Մեզ ճաշի կանչեցին։ Թոմ Բյուքենենը իր մկանուտ ձեռքով հրամայաբար բռնեց արմունկս և ուժով ինձ դուրս տարավ սենյակից, ասես շախմատի ֆիգուրն էր տեղաշարժում մի քառակուսուց մյուսը։

Անշտապ և նվաղուն, ձեռքերը թեթևակի հպած ազդրերին, երիտասարդ կանայք ուղղվեցին արևամուտին դեմ-հանդիման բացված վարդագույն գավիթը, ուր ճաշասեղանին, թուլացող քամու դիմաց, չորս դողդոջուն մոմեր էին վառվում։

― Այս ի՞նչ մոմեր են,— դժգոհեց Դեյզին կնճռոտվելով և մատներով հանգցրեց։― Երկու շաբաթ հետո տարվա ամենաերկար օրն է։— Նա պայծառացած նայեց բոլորիս։— Պատահե՞լ է, որ դուք սպասեք տարվա ամենաերկար օրվան ու հետո մոռանաք։ Ամեն տարի ինձ հետ նույն բանն է կատարվում։

― Եկեք ինչ-որ բան կազմակերպենք,— հորանջեց օրիորդ Բեյքերը՝ սեղանի մոտ նստելով այնպես, կարծես անկողին էր մտնում։

― Եկեք,— ասաց Դեյզին։— Իսկ ի՞նչ։— Նա անօգնական դիմեց ինձ։― Իսկ ի՞նչ կարելի է կազմակերպել։

Պատասխանի չսպասելով, հանկարծ նրա աչքերը սարսափահար գամվեցին իր ճկույթին։

― Նայեցեք,— գանգատվեց նա։— Մատս վիրավորել եմ։

Մենք բոլորս նայեցինք։ Հոդը սևացել էր ու կապտել։

― Դու ես մեղավորը, Թոմ,— կշտամբեց նա։— Ես գիտեմ, դու դիտմամբ չես արել, բայց և այնպես դու ես արել։ Տեղն է ինձ, ով էր ասում ամուսնանամ կոշտ ու կոպիտ անճոռնի հսկայի հետ։

― Ես զզվում եմ այդ բառից,— բարկացած հակառակեց Թոմը,— եթե նույնիսկ կատակով ես ասում, դարձյալ ինձ դուր չի գալիս։

― Անճոռնի,— պնդեց Դեյզին։

Երբեմն Դեյզին և օրիորդ Բեյքերը, առանց մեզ ձանձրույթ պատճառելու, միաժամանակ խոսում էին, և նրանց հեգնական անկապ շատախոսությունը զրույցի չէր վերածվում ու պաղ էր նույնքան, որքան նրանց ճերմակ զգեստներն ու ցանկությունից միանգամայն զուրկ անտարբեր աչքերը։ Նրանք ներկա էին ճաշին և ընդունում էին Թոմին ու ինձ՝ քաղաքավարությունից դրդված, ճիգ գործադրելով զբաղեցնելու մեզ կամ իրենք իրենց զբաղվելու։ Նրանք գիտեին, որ շուտով ճաշը կավարտվի, իսկ քիչ անց դրա հետ մեկտեղ և երեկոն, ու անփութորեն կարող են այն անցյալի գիրկը նետել։ Արևմուտքում լրիվ ուրիշ պատկեր էր. այնտեղ միշտ հուզումով արագացնում են երեկոն, ժամ առ ժամ մղում դեպի ավարտը, որին սպասում ես և որից սարսափում։

— Դու ինձ ստիպում ես՝ մոռանալ քաղաքակրթությունը, Դեյզի,— խոստովանեցի ես բավական թունդ կարմիր գինու երկրորդ բաժակից հետո։— Չե՞ս կարող խոսել հացահատիկի կամ նման այլ բանի շուրջ։

Ես այդ դիտողությամբ որոշակի ոչինչ նկատի չունեի, բայց այն անսպասելի կերպով ընկալվեց։

— Քաղաքակրթությունը անկում է ապրում,— կատաղած պոռթկաց Թոմը։— Ես հիմա սարսափելի հոռետես եմ դարձել։ Կարդացե՞լ ես Գոդդարդի «Գունավոր կայսրությունների վերելքը»։

— Ոչ, չեմ կարդացել,— պատասխանեցի՝ ապշած նրա հարցից։

— Հիանալի գիրք է, ամեն մարդ պետք է կարդա։ Միտքը հետևյալն է. եթե սպիտակ ցեղը չզգուշանա, ապա ամբողջովին կձուլվի։ Եվ դա գիտականորեն ապացուցված է։

— Թոմը գնալով իմաստնանում է,— անկեղծ տխրությամբ նկատեց Դեյզին։— Նա երկար բառերով խելացի գրքեր է կարդում։ Այն ի՞նչ բառ էր, որ մենք...

— Դրանք գիտական գրքեր են,— սրտնեղեց Թոմը՝ անհամբեր հայացք նետելով կնոջը։— Այդ մարդը մշակել է մի ամբողջ տեսություն։ Դա մեր՝ իշխող ցեղի գործն է՝ թույլ չտալ, որ այլ ցեղերը գլուխ բարձրացնեն։

— Մենք պետք է ջախջախենք նրանց,— շշնջաց Դեյզին՝ կատաղությամբ թարթելով աչքերը բոցավառ արեգակի ճառագայթների ներքո։

— Եթե դուք Կալիֆորնիայում ապրեիք...— սկսեց օրիորդ Բեյքերը, բայց Թոմն ընդհատեց նրան, աղմուկով շարժելով աթոռը։

— Բանն այն է, որ մենք հյուսիսցիներ ենք։ Ես, դու, նա...— ակնթարթային վարանումից հետո Թոմը գլխի թեթևակի շարժումով Դեյզիին էլ ներառավ, իսկ Դեյզին նորից աչքով արեց ինձ։— ... Եվ մենք ենք ստեղծել այն բոլորը, ինչ քաղաքակրթություն է կոչվում՝ գիտություն, արվեստ ու նման բաներ։ Պա՞րզ է։

Ինչ-որ պաթետիկ բան կար Թոմի համառության մեջ, կարծես նրա ինքնագոհությունը՝ տարիքի հետ ավելի խորացած, այլևս չէր բավարարում նրան։ Եվ հենց այն պահին, երբ ներսում զնգաց հեռախոսը, և ծառայապետը դուրս գնաց լսափողը վերցնելու, Դեյզին, օգտագործելով առիթը, թեքվեց դեպի ինձ։

― Ես քեզ մեր ընտանեկան գաղտնիքն ասեմ,— աշխույժ շշնջաց նա։― Ծառայապետի քթի մասին է։ Ուզո՞ւմ ես լսել նրա քթի պատմությունը։

― Հենց դրա համար եմ եկել։

― Դե, նա միշտ ծառայապետ չի եղել։ Նյու Յորքում աշխատել է մի մարդու մոտ, որը երկու հարյուր հոգու համար արծաթյա սպասք է ունեցել։ Եվ առավոտից մինչև երեկո փայլեցրել է ու փայլեցրել, մինչև վերջապես քիթը հիվանդացել է․․․

― Եվ գնալով գործը բարդացել է,― մեջ բերեց օրիորդ Բեյքերը։

― Այո, գնալով գործը բարդացել է, և նա ստիպված թողել է աշխատանքը։

Մի պահ վերջին արևաշողը հրաժեշտի ջերմությամբ դիպավ Դեյզիի շառագունած դեմքին։ Ես առաջ թեքված ու շունչս պահած լսում էի։ Հետո շողը խամրեց, և լույսի յուրաքանչյուր մասնիկ վարանոտ ափսոսանքով հեռացավ նրանից՝ հաճելի փողոցից մթնշաղին տուն դարձող երեխայի նման։

Վերադառնալով՝ ծառայապետը ինչ-որ բան շշնջաց Թոմի ականջին։ Թոմը խոժոռվեց, ետ տարավ աթոռը և անխոս հեռացավ։ Օգտվելով նրա բացակայությունից, Դեյզին գործի անցավ։ Նա կրկին առաջ թեքվեց և ծորուն, երգեցիկ ձայնով վրա բերեց.

— Նիք, ես շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես, ինձ հետ։ Դու նման ես, նման... դու նման ես վարդի, իսկական վարդի, այնպես չէ՞։— Նա դիմեց օրիորդ Բեյքերին, որպեսզի վերջինս հաստատի ասածը։― Իսկական վարդի։

Ա՜յ քեզ ցնդաբանություն։ Ես ո՜ւր, վարդն ո՜ւր։ Նա խելքին եկածն ասում էր, բայց հուզիչ ջերմություն էր հորդում նրանից, կարծես նրա սիրտը՝ այդ շնչակտուր, զգլխիչ բառերից մեկի մեջ ամփոփված, ջանում էր նետվել դեպի քեզ։ Հետո հանկարծ անձեռոցիկը գցեց սեղանին, ներողություն խնդրեց ու դուրս գնաց։

Օրիորդ Բեյքերն ու ես մի կարճ, անիմաստ հայացք փոխանակեցինք։ Ես պատրաստվում էի բերանիս բաց անել, երբ նա ձգվեց աթոռին ու նախազգուշացնող ձայնով լռեցրեց ինձ։ Մի խուլ կրքոտ շշուկ էր լսվում դռան ետևից, և օրիորդ Բեյքերն առանց քաշվելու սկսեց ականջ դնել։ Դողահար ձայնը մերթ լսելի էր դառնում, մերթ անլսելի, ապա հուզված պոռթկաց ու վերջնականապես մարեց։

— Այդ պարոն Գեթսբին, որի անունը քիչ առաջ տվեցիք, իմ հարևանն է,— սկսեցի ես։

— Լռեց եք։ Ես ուզում եմ լսել, թե ինչ է կատարվում ներսում։

— Իսկ մի՞թե որևէ բան է կատարվում,— անմեղ հետաքրքրվեցի։

— Ուզում եք ասել ոչինչ չգիտե՞ք,— անկեղծորեն զարմացավ օրիորդ Բեյքերը։— Ինձ թվում էր՝ բոլորը գիտեն։

— Ես չգիտեմ։

— Դե․․․— տատանվեց նա,— Թոմն ինչ֊որ կնոջ հետ է կապված Նյու Յորքում։

— Ինչ֊որ կնոջ հե՞տ,— անիմաստ կրկնեցի։

Օրիորդ Բեյքերը գլխով արեց։

— Գոնե պատշաճություն ունենար ճաշի ժամին չզանգահարեր։ Ճիշտ չե՞մ ասում։

Մինչ կհասկանայի նրա ասածը, լսվեց զգեստի շրշյուն, կոշիկների քրթքրթոց, և Թոմն ու Դեյզին վերադարձան։

— Անհետաձգելի գործ էր,— շինծու ուրախությամր գոչեց Դեյզին։ Ապա նստեց, զննողաբար նայեց օրիորդ Բեյքերին, հետո ինձ ու շարունակեց։— Ես մի վայրկյանով դուրս գնացի։ Այնքան լա՜վ էր այնտեղ։ Մարգի վրա թռչուն էր երգում, երևի ինչ-որ տեղից եկած սոխակ էր։ Եվ ի՜նչ էլ լավ էր երգում։— Նա ինքն էլ ասես գեղգեղում էր, ոչ թե խոսում։— Ռոմանտիկ է, չէ՞, Թոմ։

— Շա՜տ,— համաձայնեց Թոմը, ապա խեղճացած դիմեց ինձ։

— Եթե ճաշից հետո լույս լինի, քեզ կտանեմ ախոռ։

Հեռախոսը զիլ հնչեց ներսում, և քանի որ Դեյզին վճռականորեն նայելով Թոմին բացասաբար շարժեց գլուխը, ախոռի թեման ու փաստորեն բոլոր թեմաները հօդս ցնդեցին։ Ճաշկերույթի վերջին փշրված հինգ րոպեների բեկորներում մեջս տպավորվեցին կրկին աննպատակ վառվող մոմերը, և ես ցանկություն զգացի դիմահար նայելու յուրաքանչյուրին, բայց այնպես, որ հայացքս չհանդիպի նրանց հայացքին։ Ես Դեյզիի ու Թոմի միտքը գուշակել չէի կարող, բայց չեմ կասկածում, որ նույնիսկ օրիորդ Բեյքերը, իր բացարձակ թերահավատությամբ, հազիվ թե կարողանար մտքից հանել հեռախոսի՝ այդ հինգերորդ հյուրի սուր, մետաղային հապճեպությունը։ Մեկ ուրիշին նման իրավիճակը զավեշտական կթվար, իսկ ես բնազդաբար անմիջապես ոստիկանատուն զանգահարելու ցանկություն ունեցա։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ ձիերի մասին այլևս խոսք չեղավ։ Մի քանի մատնաչափ մթնշաղ էր բաժանում Թոմին ու օրիորդ Բեյքերին իրարից, որոնք վերադարձան գրադարան՝ կարծես հերթապահելու միանգամայն նյութեղեն հանգուցյալի կողքին, մինչդեռ ես, փորձելով հաճելիորեն հետաքրքրված, բայց փոքր-ինչ խուլ ձևանալ, հետևեցի Դեյզիին՝ անցնելով իրարամերձ պատշգամբների շղթայով դեպի նախագավիթը, որի թանձր աղջամուղջի մեջ ընկղմվեցինք մենք կողք կողքի՝ հյուսկեն բազմոցին։

Դեյզին գլուխն առավ ափերի մեջ, ասես շոշափելու սիրուն դեմքը, իսկ քիչ անց աչքերը հառեց թավշյա մթնշաղի խորքը։ Ես տեսա, թե ինչպես անհանգիստ հուզմունքը համակեց նրան և ձորձեցի շեղել՝ դստրիկի մասին խոսք բաց անելով։

― Մենք իրար լավ չենք ճանաչում, Նիք,― հանկարծ ասաց նա,― չնայած զարմիկներ ենք։ Դու նույնիսկ իմ հարսանիքին ներկա չէիր։

― Ես պատերազմից չէի վերադարձել։

― Ճիշտ է։― Նա լռեց մի պահ։― ես շատ եմ տառապել, Նիք, իսկ հիմա ոչնչի նկատմամբ հավատ չունեմ։

Ըստ երևույթին, նա հիմք ուներ այդպես ասելու։ Ես սպասեցի, բայց նա այլևս չխոսեց․ քիչ անց կրկին անօգնական խոսք բացեցի աղջկա մասին։

― Երևի նա արդեն խոսում է... ուտում կամ նման բաներ անում։

― Դե, իհարկե,— նա ցրված նայեց ինձ։— Լսիր, Նիք։ Ես հիմա քեզ կպատմեմ, թե ինչ ասացի, երբ աղջիկս ծնվեց։ Ուզո՞ւմ ես լսել։

― Շատ։

― Դու հիմա կիմանաս, թե ինչպես սկսեցի հասկանալ․․․ ամեն ինչ։ Աղջկաս ծնվելուց մի ժամ էլ չէր անցել, իսկ Թոմն աստված գիտե որտեղ էր։ Նարկոզից արթնացա լքված ու մոռացված բոլորի կողմից և անմիջապես հարցրեցի դայակին՝ տղա՞ է, թե աղջիկ։ Ասաց՝ աղջիկ է․ ես շրջեցի գլուխս ու արտասվեցի։ «Ինչ լավ է։ Ուրախ եմ, որ աղջիկ է։ Հուսով եմ, հիմար կլինի։ Այս աշխարհում աղջկա համար ամենալավ բանը գեղեցիկ հիմարիկ լինելն է»։

― Ինձ թվում է, կյանքում ոչ մի լավ բան չկա,— համոզված շարունակեց Դեյզին,― բոլորն էլ այդպես են մտածում։ Նույնիսկ ամենախելացի, ամենաառաջադեմ մարդիկ։ Եվ ես գիտեմ, որ դա այդպես է։ Ես ամեն տեղ եղել եմ, ամեն ինչ տեսել, ամեն բան փորձել։— Նրա աչքերը մարտականորեն փայլատակեցին Թոմի աչքերի նման, և բացահայտ արհամարհանքով ծիծաղեց։

— Ա՜յ թե փորձառու եմ դարձել, հա՛, փորձառու։

Այն պահին, երբ նրա ձայնը, որն ուզում էր իմ ուշադրությունը և հավատը գրավել, կտրվեց, ու ես զգացի նրա ասածի ողջ կեղծությունը։ Դա ինձ անհանգստացրեց, կարծես ամբողջ երեկոն մի տեսակ խաղ էր եղել ինձանից կարեկցանք կորզելու համար։ Ես սպասեցի և, իրոք, մի վայրկյան անց նրա սիրունիկ դեմքին շինծու գոհունակության ժպիտ գոյացավ, ասես նրան հաջողվել էր հաստատել իր անդամությունը բավական հայտնի գաղտնի ընկերության, որին պատկանում էր նաև Թոմը։

*  *  *



Ներսում ալ կարմիր սենյակը լուսաթաթախ էր։ Թոմը նստած էր երկար բազմոցի մի ծայրին, իսկ օրիորդ Բեյքերը՝ մյուս, և բարձրաձայն կարդում էր «Սեթրդի Իվնինգ Փոստը»։ Նրա մրմունջախառն բառերը շարվում էին կողք֊կողքի՝ հանդարտություն սփռելով։ Լույսը շողշողում էր Թոմի երկարաճիտ կոշիկների վրա, խավարում օրիորդ Բեյքերի աշնան դեղնության մազերի մեջ, սահում էջերն ի վար, որ շրջվում էին աղջկա բազուկների թույլ մկանների թրթիռով։

Երբ ներս մտանք, նա, ձեռքը բարձրացնելով, մեզ լռելու նշան արեց։

— Շարունակությունը հաջորդ համարում,— և թերթը շպրտեց սեղանին։

Ծնկի անհանգիստ շարժումով նրա մարմինը հաստատուն դիրք ընդունեց։

— Ժամը տասն է, Ժամանակը որոշելու համար նայելով առաստաղին, ասաց նա։— Պստլիկ աղջիկները պետք է անկողին մտնեն։

— Ջորդանը վաղը Վեսթչեսթրում մրցության է մասնակցելու,— բացատրեց Դեյզին։

— Այդ դո՞ւք եք Ջորդան Բեյքերը։

Ես այժմ միայն հասկացա, թե ինչու էր այդքան ծանոթ թվում նրա դեմքը, որի քմահաճ հեգնական ժպիտը հաճախ աչքովս էր ընկել Աշվիլի, Հոթ Սփրինգզի և Փալմ Բիչի սպորտային ամսագրերի բազմաթիվ էջերում։ Ես նույնիսկ ինչ-որ անդուր ու տգեղ պատմություն էի լսել նրա մասին, բայց վաղուց մոռացել էի։

— Բարի գիշեր,— մեղմորեն մաղթեց նա։— Ինձ առավոտյան ժամը ութին արթնացրեք։

― Եթե վեր կենաս։

― Վեր կկենամ։ Բարի գիշեր, պարոն Քարավեյ։ Մենք դեռ կհանդիպենք։

― Իհարկե, կհանդիպեք,― ասաց Դեյզին։— Ես մտածում եմ ամուսնացնել։ Շուտ-շուտ արի, Նիք։ Ես ձեզ․․․ ինչպես են ասում․․․ կմտերմացնեմ։ Կամ միասին կփակեմ սպիտակեղենի պահարանում, կամ մակույկով բաց ծով կգցեմ, կամ էլ նման մի բան կանեմ։

― Բարի գիշեր,― ձայնեց օրիորդ Բեյքերը աստիճանների վրայից։— Ես ոչ մի բառ չլսեցի։

― Լավ աղջիկ է,― քիչ անց ասաց Թոմը։― Պետք չէ նրան թողնել, որ թափառականի կյանք վարի։

― Իսկ ո՞վ չպետք է թողնի,— սառը հարցրեց Դեյզին։

― Նրա ընտանիքը։

― Նրա ընտանիքը բաղկացած է հարյուր տարեկան մորաքրոջից։ Բացի այդ, սրանից հետո Նիքն է խնամք տանելու նրան, ճիշտ չե՞մ ասում, Նիք։ Այս ամառ Ջորդանը շաբաթ և կիրակի օրերը մեր տանն է անցկացնելու։ Եվ իմ կարծիքով ընտանեկան մթնոլորտը լավ ազդեցություն կգործի նրա վրա։

Դեյզին ու Թոմը մի պահ լուռ նայեցին միմյանց։

― Ջորդանը Նյու Յորքի՞ց է,— շտապ հարցրեցի ես։

― Լուիսվիլից է։ Մեր աղջկությունն այնտեղ է անցել։ Իմ անհոգ, գեղեցիկ․․․

― Նիքի հետ ջերմ֊ջերմ զրուցո՞ւմ էիր,— հանկարծ հարցրեց Թոմը։

― Զրուցեցի՞նք որ։— Դեյզին նայեց ինձ։— Չեմ հիշում, բայց կարծեմ խոսեցինք հյուսիսային ցեղի մասին։ Դե, իհարկե, խոսեցինք, մի տեսակ խոսելներս եկել էր ու անցավ...

― Մի հավատա ամեն մի լսածիդ, Նիք,— խորհուրդ տվեց Թոմը։

Ես իմիջիայլոց ասացի, որ ոչինչ էլ չէի լսել և քիչ անց ոտքի ելա հրաժեշտ տալու։ Նրանք ինձ ուղեկցեցին մինչև դուռը, կանգնեցին կողք-կողքի լույսի պայծառ քառակուսու մեջ։ Երբ մեքենաս աշխատեցրի, Դեյզին հրամայաբար ձայնեց։

― Սպասիր։ Մոռացա մի կարևոր բան հարցնել քեզ։ Ասում են, դու նշանված ես եղել։

— Ճիշտ է,— հաստատեց Թոմը բարեհոգաբար։— Մենք լսել ենք, որ դու նշանված ես եղել։

― Բամբասանք է։ Ես աղքատ մարդ եմ, ամուսնանալ չեմ կարող։

— Բայց մենք լսել ենք,— պնդեց Դեյզին, ասես կրկին բացվելով ծաղկի պես։— Երեք հոգուց ենք լսել, այնպես որ սխալ լինել չի կարող։

Իհարկե, ես գիտեի, թե ինչ են նրանք ակնարկում, բայց ես հարսնացու անգամ չունեի։ Այդ բամբասանքը շարժառիթներից մեկն էր, որի համար Արևելք էի եկել։ Մարդ չի կարող լուրերի պատճառով չհանդիպել հին ընկերուհուն, բայց մյուս կողմից մտադրություն չունեի ամուսնանալ, տեղի տալով այդ լուրերին։

Նրանց ջերմ ընդունելությունը բավական հուզեց ինձ, նույնիսկ նրանց հարստությունը նվազեց իմ աչքում, բայց և այնպես շփոթված և որոշակի տհաճությամբ ճանապարհ ընկա։ Ինձ թվաց, որ Դեյզին հիմա երեխան գրկին դուրս կփախչի տնից, բայց, ըստ երևույթին, նա այդպիսի մտադրություն չուներ։ Ինչ վերաբերում է Թոմին, ապա այն փաստը, որ «նա ինչ֊որ մեկի հետ կապված է Նյու Յորքում», նվազ զարմանալի էր, քան այն, որ նա կարող էր ազդվել որևէ գրքից։ Անհայտ մի բան նրան ստիպում էր կրծոտել հնամենի գաղափարների կեղևը, ասես նրա առողջ ինքնամեծարությունը այլևս չէր սնուցում տիրատենչ սիրտը։

Արդեն խոր ամառ էր իջել ճամփեզրի պանդոկների տանիքների և գարաժների առջև ասֆալտի վրա, ուր լույսի լճակներում բենզինի կարմիր աշտարակներ էին ցցված։ Երբ հասա Վեսթ Էգգի իմ կալվածքը, մեքենաս տեղավորեցի ծածկի տակ և որոշ ժամանակ նստեցի բակում, մի կողմ նետված խոտհունձ գլանի վրա։ Քամին դադարել էր, գիշերը պայծառ էր, ձայներով առլեցուն, իսկ ծառերի մեջ թռչնաթևեր էին թափահարվում, և հողի հզոր փուքսերը լիարժեք կյանք էին ներարկում գորտերին, որոնց միալար կռկռոցը տարածված էր ամենուր։ Շարժվող կատվի ուրվականը թրթռաց լուսնալույսի տակ, և երբ նրա ետևից շրջեցի գլուխս, տեսա, որ մենակ չէի, հիսուն ոտնաչափ հեռավորության վրա, հարևանիս առանձնատան առջևում, մարգի վրա, ձեռքերը գրպանները դրած մի կերպարանք դիտում էր աստղերի արծաթին տվող տաքդեղահատիկները։ Նրա անկաշկանդ շարժումները, ոտքերի հաստատուն դիրքը խոտի վրա ինձ հուշեցին, որ դա ինքը պարոն Գեթսբին է դուրս եկել որոշելու իր բաժինը տեղական երկնակամարում։

Ես որոշեցի ձայն տալ նրան։ Այսօր ճաշին օրիորդ Բեյքերը խոսել էր նրա մասին, և դա բավական էր ներկայանալու համար։ Բայց չձայնեցի, որովհետև հանկարծ նա զգացնել տվեց, որ գոհ է իր մենակությունից, ինչ֊որ տարօրինակ շարժումով տարածեց ձեռքերը դեպի ջրի մթությունը, և չնայած հեռու էի նրանից, բայց կարող եմ երդվել, որ դողում էր։ Ակամայից նայեցի նրա հայացքի ուղղությամբ և զանազանեցի մենավոր կանաչ մի լույս հեռվում, գուցե նավամատույցի ծայրին։ Երբ շրջվեցի, Գեթսբին չկար, ու կրկին մնացի մենակ՝ անհանգիստ մթության մեջ։


Գլուխ երկրորդ

Վեսթ Էգգից Նյու Յորք տանող ճանապարհի կեսից մայրուղին անակնկալ միանում է երկաթգծին և քառորդ մղոնի չափ վազ տալիս նրա կողքից, ասես խույս տալով հսկայական ամայի հողատարածությունից։ Սա խարամի մարգագետինն է՝ մի զարմանահրաշ երկիր, ուր մոխիրը, ցորենի նման աճելով, վերածվում է դեզերի, բլուրների և զավեշտական պարտեզների, մի մարգագետին, ուր խարամը ընդունում է տների, ծխնելույզների, բարձրացող ծխի ձև, և վերջապես գերբնական ճիգով փոխակերպվում մարդկանց, որոնք հուշիկ շարժվելով փլուզվում են փոշեբույր օդի մեջ։ Ժամանակ առ ժամանակ մոխրագույն վագոնների մի շարք է uողում անտեսանելի երկաթգծերի վրայով, անճոռնի խզզոց արձակելով կանգ առնում, և մոխրե մարդիկ կապարե բահերով անմիջապես վրա են հասնում՝ անթափանց ամպ բարձրացնելով, որը նրանց խորհրդավոր գործողությունները ծածկում է քո տեսադաշտից։

Սակայն քիչ անց այդ անհրապույր հողի անվերջ փչող մոխրագույն փոշու ամպերից վեր տեսանելի են դառնում բժիշկ Թ, Ջ. Էքլբերգի աչքերը։ Բժիշկ Թ, Ջ․ Էքլբերգի հսկայական աչքերը կապույտ են, իսկ նրանց ցանցաթաղանթը մեկ յարդ բարձրության է հասնում։ Նրանք դեմքի վրայից չեն նայում, այլ ահռելի դեղին ակնոցի միջից, որը դրված է երևակայական քթին։ Ամենայն հավանականությամբ ինչ֊որ խելառ կատակասեր ակնաբույժ տեղադրել էր այն Քուինզի շրջանում լայն գործունեություն ծավալելու համար և ապա հավիտենական կուրության մատնվել, կամ էլ թողել֊հեռացել։ Բայց արևի ու անձրևի տակ անգույն օրերից փոքր֊ինչ աղոտացած աչքերը առաջվա պես խորհրդածում են մռայլ աղբակույտի գլխին։

Խարամի մարգագետինը մի կողմից հարում է ապականված գետակին, և երբ կամուրջը բարձրանում է լաստանավերին՝ ճանապարհ տալու, ուղևորները երբեմն մոտ կես ժամ դիտում են այդ անհրապույր տեսարանը։ Այստեղ միշտ գնացքները առնվազն մեկ րոպեով կանգ են առնում, և դրա շնորհիվ էր, որ առաջին անգամ հանդիպեցի Թոմ Բյուքենենի սիրուհուն։

Այն փաստը, որ նա սիրուհի ուներ, կասկածի ենթակա չէր Թոմին ճանաչողների շրջան ում։ Նրա ծանոթները վրդովված պատմում էին, որ Թոմը սիրուհու հետ հայտնվում էր հանրահայտ ռեստորաններում և, թողնելով նրան սեղանի մոտ, այս ու այն կողմ գնում՝ շաղակրատելով ում հետ պատահեր։ Չնայած ինձ հետաքրքիր էր այդ կնոջը տեսնելը, սակայն նրա հետ ծանոթանալու ցանկություն չունեի, բայց և այնպես մեր ծանոթությունը ստացվեց։ Մի օր գնացքով Թոմի հետ Նյու Յորք էի գնում։ Երբ հասանք խարամի կույտերին, նա վեր ցատկեց և բռնելով արմունկս՝ բառացիորեն դուրս հանեց ինձ գնացքից։

— Իջնում ենք,— պնդեց նա։— Ես ուզում եմ քեզ ծանոթացնել ընկերուհուս հետ։

Ըստ երևույթին ճաշին Թոմը մեծ քանակությամբ ուտելիք էր ամբարել ստամոքսում և օրն ինձ հետ անցկացնելու նրա վճիռը հավասարվել էր բռնության։ Նրա ինքնավստահ ենթադրությամբ՝ կիրակի ցերեկը ես ուրիշ անելիք չունեի։

Ստիպված հետևեցի նրան, մենք անցանք երկաթգծի կողքով ձգված ցածր սպիտակեցրած պատի վրայով, ապա հարյուր յարդ ետ գնացինք բժիշկ Էքլբերգի ճնշող հայացքի ներքո։ Դեղին աղյուսից պատրաստված փոքր տների շարքը միակ բնակավայրն էր ամայի հողակտորի եզրին, որին միանում էր յուրատեսակ, բացարձակապես ոչ մի տեղ չտանող և ոչ մի փողոցի հետ չհատվող գլխավոր փողոցը։ Տնակներից մեկն այժմ վարձով տրվող խանութ էր, մյուսը՝ գիշերային ռեստորան, որին կարելի էր մոտենալ անցնելով մոխրապատ արահետը, երրորդը՝ գարաժ էր՝ «Վերանորոգում։ Ջորջ Բ․ Վիլսոն։ Այստեղ գնվում և վաճառվում են մեքենաներ» ցուցանակով։ Եվ ես Թոմի ետևից մտա ներս։ Սրահը դատարկ էր ու անհրապույր։ Միակ տեսանելի մեքենան կիսամութ անկյունում կուչ եկած փոշեծածկ «ֆորդի» կմախքն էր։ Ես մտածում էի, թե այդ գարաժանման շինությունը չի՞ սքողում արդյոք վերնահարկի խորհրդավոր ու շքեղ հարկաբաժինները, երբ տերը հայտնվեց գրասենյակի դռանը՝ ձեռքերը սրբելով լաթի կտորով։ Նա շեկ մարդ էր, անկյանք ու անարյուն, բայց և այնպես ինչ֊որ հաճելի բան կար նրա արտաքինի մեջ։ Մեզ տեսնելուն պես մի տարտամ հույս ցոլաց նրա բաց կապույտ աչքերում։

— Ողջույն, բարեկամ,― Թոմը ուրախ թփթփացրեց նրա ուսին։— Գործերը ինչպե՞ս են։

― Բողոք չունեմ,— անհամոզիչ ձայնով ասաց Վիլսոնը։— Ե՞րբ ես ինձ ծախում մեքենադ։

― Եկող շաբաթ։ Վարորդս մի քիչ գործ ունի վրան։

― Դանդաղ է աշխատում։

— Հեչ էլ չէ,— սառը նետեց Թոմը։— Եթե չես ուզում սպասել, ուրիշին կծախ եմ։

― Ոչ, ինչ ես ասում,— արագ վրա բերեց Վիլսոնը։— Ես այդ չէի ուզում ասել․․․

Նրա ձայնը մարեց, իսկ Թոմը անհամբերությամբ նայեց շուրջը։ Ապա ոտնաձայն լսվեց աստիճանների վրա, և քիչ անց մի կնոջ հաստավուն կերպարանքը փակեց գրասենյակի դռնից եկող լույսը։ Նա երեսունհինգ տարեկան կլիներ, լիքը֊լիքը, սակայն իր ավելորդ քաշը կրում էր հեշտասիրաբար, ինչպես որոշ գեր կանայք։ Մուգ կապույտ պտավոր մետաքսյա զգեստից վեր նրա դեմքը չուներ ոչ մի գեղեցիկ կամ ուղիղ դիմագիծ, բայց նրա ողջ էությունից բուրում էր անմիջական կենսախնդություն, ասես մարմնի մկաններում անդադրում կրակ էր մարմրում։ Նա հանգիստ ժպտաց և, անցնելով ամուսնու կողքով, կարծես վերջինս ուրվական լիներ, թոթվեց Թոմի ձեռքը՝ նայելով ուղիղ աչքերին։ Ապա թրջեց շրթունքները և առանց շրջվելու մեղմ, թավ ձայնով դիմեց ամուսնուն.

― Աթոռներ բեր, որ մարդիկ նստեն։

— Հիմա,— Վիլսոնը շտապ նետվեց դեպի իր փոքրիկ բույնը՝ անմիջապես ձուլվելով պատերի գույնին։ Մոխրափոշով էին պատած նրա մուգ շորերը, անգույն մազերը, ինչպես նաև ամեն ինչ շրջակայքում, բացի կնոջից, որն այժմ խիստ մոտ էր կանգնած Թոմին։

— Ես ուզում եմ քեզ տեսնել,— տիրաբար ասաց Թոմը։— Կգաս հաջորդ գնացքով։

— Լավ։

— Կսպասեմ թերթերի կրպակի մոտ՝ ներքևի աստիճանների վրա։

Կինը գլխով արեց և հեռացավ նրանից, հենց որ Ջորջ Վիլսոնը երկու աթոռ բռնած երևաց գրասենյակի դռանը։

Մենք սպասեցինք նրան ճանապարհին, աչքից հեռու։ Հուլիսի Չորսի տոնը մոտենում էր, և մի գորշ, ոսկրոտ իտալացի երեխա ինքնաշարժ ջրականներ էր շարում երկաթգծերի վրա։

― Սարսափելի տեղ է, չէ՞,— Թոմը անբարեհամբույր հայացք փոխանակեց բժիշկ Էքլբերգի հետ։

— Ահավոր։

— Դրա համար էլ նա դուրս է գալիս ցրվելու։

— Իսկ ամուսինը չի՞ առարկում։

— Վիլսո՞նը։ Նրան թվում է, թե կինը գնում է Նյու Յորք, քրոջ տուն։ Տխմարի մեկն է, նույնիսկ չի նկատում, որ ապրում է աշխարհի երեսին։

Այսպիսով, Թոմ Բյուքենենը, իր սիրուհին և ես միասին գնացինք Նյու Յորք, ավելի ճիշտ, ոչ միասին, քանի որ տիկին Վիլսոնը պատշաճությունը հարգելով՝ ուրիշ վագոն նստեց։ Թոմը գնաց նման զիջման ի սեր փափկանկատության այն իսթէգգցիների, որոնք հավանաբար գնացքում կլինեին։ Երբ Նյու Յորքի կառամատույցում Թոմը տիկին Վիլսոնին օգնեց իջնել գնացքից, վերջինս շագանակագույն նախշերով մուսլինե զգեստով էր, որը կիպ գրկում էր նրա բավականին լայն կոնքերը։ Թերթերի կրպակից տիկին Վիլսոնը գնեց «Թաուն Թեթլի» և կինոամսագրի մեկական օրինակ, իսկ դեղատնից՝ սառը քսուք ու մի շիշ օծանելիք։ Վերևում, կայարանի ծածկած ելքի մոտ, կիսախավարի դղրդյունի մեջ, նա չորս տաքսի բաց թողեց, մինչև ընտրեց գորշ պաստառով նարդոսագույն մի նոր մեքենա, որը մեզ տարավ հեռու՝ կայարանի ամբոխից դեպի շողշողուն արևալույսը։ Եվ անմիջապես նա կտրուկ շրջվեց պատուհանից ու առաջ թեքվելով՝ թխկթխկացրեց առջևի ապակուն։

— Շուն եմ ուզում,— լուրջ ասաց նա։— Ուզում եմ, որ տանս մեջ շուն լինի։ Տունն առանց շան...

Վարորդը ետ քշեց մեքենան, և մենք հավասարվեցինք ճերմակահեր ծերունուն, որն անհեթեթ կերպով նմանվում էր Ջոն Դ․ Ռոքֆելլերին։ Նրա վզից կախ տված զամբյուղի մեջ իրար էին սեղմվել անորոշ ցեղի տասնյակ նորածին քոթոթներ։

— Ի՞նչ շներ ունեք,— անհամբեր հարցրեց տիկին Վիլսոնը, երբ ծերուկը մոտեցավ մեքենայի պատուհանին։

— Զանազան։ Ինչպիսի՞ն եք ուզում, տիկին։

— Ոստիկանի շուն եմ ուզում։ Երևի չունենաք։

Մարդը կասկածանքով նայեց զամբյուղի մեջ, ձեռքը ներս մտցրեց և մի գալարուն շնիկի վզից բռնած՝ վեր հանեց։

— Դա ոստիկանի շուն չէ,— ասաց Թոմը։

— Միգուցե,— ծերուկի ձայնի մեջ հիասթափություն զգացվեց։— Սա ավելի շուտ էրդելթերիեր է։ Նա ձեռքը տարավ քոթոթի մեջքի շագանակագույն բիզ-բիզ մազերի վրայով։— Մորթուն նայեցեք։ Ի՜նչ մազ ունի։ Այսպիսի մորթի ունեցող շունր երբեք չի մրսի և ձեզ նեղություն չի տա։

― Լավիկն է,― աշխույժ վրա տվեց տիկին Վիլսոնը։— Ի՞նչ արժե։

― Այս շո՞ւնը,― ծերուկը հիացած նայեց շանը։— Այս շունը ձեզ տասը դոլար կարժենա։

Ապշեցուցիչ սպիտակության թաթեր ունեցող էրդելթերիերը, որի նախնիներից մեկն անկասկած զտարյուն եղած կլիներ, ձեռքից ձեռք անցավ ու բազմեց տիկին Վիլսոնի ծնկին, ուր նրա ցրտադիմացկուն մորթին արժանացավ փաղաքուշ շոյանքի։

― Տղա՞ է, թե աղջիկ,— փափկանկատ հարցրեց նա։

― Այս շո՞ւնը։ Տղա է։

― Քած է,— վճռական ասաց Թոմը։— Առ քո փողը։ Գնա մի տասը շուն առ դրանով։

Մենք մտանք Հինգերորդ պողոտա՝ այնքան հանգիստ ու խաղաղ, համարյա հովվերգական այդ կիրակնօրյա կեսօրին, որ չէի զարմանա, եթե անկյունից սպիտակ ոչխարների մի մեծ հոտ դուրս գար։

― Մի րոպե կանգնեցեք,— ասացի։— Իջնում եմ։

― Չես իջնի,— արագ ընդմիջեց Թոմը։— Միրթլը կնեղանա, եթե չգաս։ Ճիշտ չե՞մ ասում, Միրթլ։

― Գնացինք,— պահանջեց Միրթլը։— Ես կզանգեմ Քեթրինին։ Ասում են, քույրս շատ գեղեցիկ է։

― Մեծ սիրով կգայի, բայց․․․

Մենք շարժվեցինք ետ, նորից անցանք զբոսայգին ու սլացանք Արևմտյան Հարյուրերորդ փողոցների կողմը։ Հարյուր հիսունութերորդ փողոցում մեքենան արգելակեց ու կանգ առավ ճերմակ թխվածք հիշեցնող միանման շենքերի առջև։ Տունդարձի արքայական հայացք ձգելով շուրջը, տիկին Վիլսոնը գրկեց շանը, մյուս գնումները ու գոռոզ ներս մտավ։

— ՄըքՔիներին իմաց տամ, գան,— վերելակ մտնելուն պես հայտարարեց նա։— Չմոռանամ քրոջս էլ զանգել։

Բնակարանը վերնահարկում էր, բաղկացած փոքրիկ հյուրասենյակից, փոքրիկ ճաշասենյակից, փոքրիկ ննջարանից ու լողարանից։ Հյուրասենյակը ծայրեծայր լեցուն էր կահույքով, որը շատ խոշոր էր սենյակի համար, այնպես որ շարժվելը նշանակում էր անվերջ սայթաքել՝ դիպչելով պաստառի Վերսալի պարտեզում ճոճվող տիկնանց։ Պատերը մերկ էին, չհաշված չափից դուրս մեծացրած միակ լուսանկարը, որն, ըստ երևույթին, աղոտ գծագրվող ժայռին բազմած հավ էր։ Հեռվից նայելիս հավը գլխարկ էր դառնում, որի տակից գլխահակ գիրուկ ծեր տիկնոջ դեմքն էր ժպտում։ Սեղանին դրված էին «Թաուն Թեթլի» հին օրինակները, «Փիթր անունով Սիմոնը» գիրքը և Բրոդվեյում աղմուկ հանած մի քանի ամսագրեր։ Տիկին Վիլսոնը սկզբում զբաղվեց շնով։ Անբարեհամբույր վերելակավարը գնաց մի արկղ ծղոտ և կաթ բերելու, որին սեփական նախաձեռնությամբ ավելացրեց մի տուփ կարծր պաքսիմատ․ դրանցից մեկը հետո ամբողջ օրը անտարբերությամբ թթվում էր կաթով լի ամանում։ Մինչ այդ, Թոմը կողպած պահարանից հանեց վիսկիի շիշը։

Ես կյանքումս երկու անգամ եմ հարբած եղել։ Երկրորդ անգամը այդ օրն էր, և այն ամենը, ինչ պատահեց, պարուրված է թանձր, միգամած մուժով, թեև մինչև ժամը ութը բնակարանը ողողված էր պայծառ արևալույսով։ Թոմի ծնկին նստած տիկին Վիլսոնը հեռախոսով մի քանի հոգու հրավիրեց։ Հետո սիգարեթները վերջացան, և ես գնացի անկյունի դեղատունը։ Երբ ետ եկա, նրանք անհետացել էին, այնպես որ հուշիկ նստեցի հյուրասենյակում և կարդացի մի գլուխ «Փիթր անունով Սիմոնը» գրքից։ Կամ նյութն էր ձանձրալի, կամ էլ վիսկին էր աղավաղում ամեն ինչ, որովհետև ոչինչ չհասկացա կարդացածիցս։

Հենց որ Թոմն ու Միրթլը (առաջին բաժակից հետո մենք միմյանց անունով էինք դիմում) վերստին հայտնվեցին, հյուրերն սկսեցին ժամանել։

Քույրը՝ Քեթրինը, երեսունի մոտ նրբակազմ, աշխարհիկ օրիորդ էր, խիտ, կարճ կտրած կարմիր մազերով, և դիմափոշու շնորհիվ կաթի պես ճերմակ երեսով։ Նրա հոնքերը պոկոտած էին և անփութորեն կրկին գծած։ Սակայն նախկին ձևը վերականգնելու բնության ճիգերը դեմքին որոշակի ճապաղություն էին տալիս։ Շարժվելիս նրա անթիվ-անհամար կավե ապարանջանները վեր ու վար գալով թևերի վրա անդադրում շխկշխկում էին։ Նա այնպիսի տիրական հապճեպությամբ ներս մտավ ու այնպիսի սեփականատիրական զգացումով նայեց կահ-կարասուն, որ ես մտածեցի, թե այստեղ է ապրում։ Բայց երբ այդ մասին հարցրեցի, նա անզուսպ ծիծաղեց, բարձրաձայն կրկնեց հարցը և ասաց, որ ապրում է հյուրանոցում, ընկերուհու հետ։

Պարոն ՄըքՔին՝ ներքևի հարևանը, գունատ մարդ էր, կանացի արտաքինով։ Հենց նոր էր սափրվել, որովհետև այտոսկրին օճառի փրփուր էր կպած։ Նա հարգանքով, մեկ առ մեկ, ողջունեց բոլորին։ Իսկ ինձ տեղեկացրեց իր «արվեստի աշխարհին» պատկանելը, որից հետո միայն գլխի ընկա, որ լուսանկարիչ է. ինքն էր անհաջող մեծացրել տիկին Վիլսոնի մոր նկարը, որը աստղային մարմնի պես սավառնում էր պատի վրա։ Նրա կինը փխրուն, գեղեցիկ արարած էր, բայց ճղճղան ու սարսափազդու։ Նա ինձ հպարտությամբ պատմեց, որ ամուսնությունից ի վեր ամուսինը լուսանկարել է իրեն հարյուր քսանութ անգամ։

Տիկին Վիլսոնը հասցրել էր փոխվել և այժմ հագել էր կրեմագույն շիֆոնե մի շքեզ զգեստ, որն անվերջ շրշում էր, երբ նա սուրում էր սենյակով մեկ։ Զգեստի ազդեցության տակ նրա անձը նույնպես փոփոխության էր ենթարկվել։ Ուժեղ կենսախնդությունը, որն այնքան աչքի զարնող էր գարաժում, վերածվել էր հանդուգն ամբարտավանության։ Նրա ծիծաղը, շարժումները, ինքնավստահ խոսքերը վայրկյանն առ վայրկյան դառնում էին ավելի ու ավելի սեթևեթ, և քանի նա ընդարձաւկվում էր, սենյակը գնալով փոքրանում էր նրա չորս բոլորը, մինչև վերջապես ծխով լի տարածության մեջ նա կարծես դարձավ իր աղմկարար ճռճռան առանցքի շուրջ պտտվող մարմին։

― Սիրելիս,— ասում էր նա քրոջը բարձր, ճղճղան ձայնով։— Մարդիկ ամեն րոպե պատրաստ են քեզ խաբելու, նրանց միակ մտածմունքը փողն է։ Անցյալ շաբաթ մի կին եկավ ոտքերս կարգի բերելու, և երբ վարձը պահանջեց, կարելի էր մտածել, որ կույր աղիքս էր հեռացրել։

— Ի՞նչ է այդ կնոջ անունը,— հարցրեց տիկին ՄըքՔին։

― Տիկին Էբերհարթ։ Նա տներն է գնում մարդկանց ոտքերը խնամելու։

― Ի՜նչ գեղեցիկ շոր ես հագել,— նկատեց տիկին ՄըքՔին։— Ինձ շատ է դուր գալիս։

Տիկին Վիլսոնը հերքեց հաճոյախոսությունը հոնքերի արհամարհական շարժումով։

— Հին, անպետք շոր է։ Մեկ֊մեկ հագնում եմ, երբ միևնույն է, թե ինչ տեսք կունենամ։

— Ինչ ուզում ես ասա, քեզ շատ է սազում,— պնդեց տիկին ՄըքՔին,― Եթե Չեսթերը կարողանա քեզ այդ դիրքով նկարել, երևի մի լավ բան կստացվի։

Մենք բոլորս լուռ նայեցինք տիկին Վիլսոնին, որը աչքերի վրայից հասցրեց մազափունջը և պայծառ ժպիտով նայեց մեզ։ Պարոն ՄըքՔին գլուխը մի կողմ թեքած անթարթ զննեց նրան, ապա ձեռքը դանդաղ ետ ու առաջ տարավ իր դեմքի առջև։

— Լույսը պետք է փոխել,— քիչ անց ասաց նա,— որ դիմագծերը լավ դուրս գան։ Կաշխատեմ ետևի մազերն էլ հանել։

— Եթե ես քո տեղը լինեի՝ լույսը չէի փոխի,— գոչեց տիկին ՄըքՔին,— ես կարծում եմ...

Ամուսինը լռեցրեց նրան, և մենք բոլորս նորից նայեցինք նկարվող անձնավորությանը, իսկ Թոմ Բյուքենենը այդ պահին բարձր հորանջեց ու ոտքի ելավ։

— Լավ կլիներ, որ դուք ամուսիններով մի բան խմեիք։ Միրթլ, սառույց և հանքային ջուր բեր, թե չէ մարդկանց քունը տանում է։

— Ես արդեն պատվիրել եմ,— Միրթլը հուսահատ բարձրացրեց հոնքերը՝ ի նշան դժգոհության ստորին խավից։— Ա՜խ, այդ ծառաները։ Դրանց պետք է շարունակ հսկես։

Միրթլը նայեց ինձ ու անիմաստ ժպտաց։ Հետո նետվեց շնիկի վրա, կրքոտ համբուրեց ու արշավեց խոհանոց, ասես մի խումբ խոհարարներ իր հրամաններին էին սպասում։

— Ես Լոնգ Այլընդում մի քանի հաջող նկար եմ արել,— ինքնագոհ հայտարարեց պարոն ՄըքՔին։

Թոմը բութ նայեց նրան։

— Դրանցից երկուսը նույնիսկ կախված են մեր տանը։

— Երկու ի՞նչ,— հարցրեց Թոմը։

— Երկու նկար։ Մեկը կոչվում է «Մոնթոք հրվանդան։ Ճայերը», մյուսը՝ «Մոնթոք հրվանդան։ Ծովը»։

Քեթրինը նստած էր կողքիս, բազմոցին։

— Դուք է՞լ եք Լոնգ Այլընդում ապրում,— հետաքրքրվեց նա։

— Ես ապրում եմ Վեսթ Էգգում։

— Իսկապե՞ս։ Մոտ մի ամիս առաջ ես գնացել էի այնտեղ երեկույթի Գեթսբի անունով մեկի տանը։ Ճանաչո՞ւմ եք։

— Իմ հարևանն է։

— Ասում են, նա Վիլհելմ կայզեր քրոջ որդին է, թե զարմիկը։ Ահա թե որտեղից են նրա փողերը։

— Իրո՞ք։

Նա գլխով արեց։

— Ես նրանից վախենում եմ։ Չէի ցանկանա հետը գործ ունենալ։

Հանկարծ տիկին ՄըքՔին, մատնացույց անելով Քեթրինին, ընդհատեց հարևանիս մասին ասված այս զվարճալի տեղեկությունը։

— Չեսթեր, գուցե նրան էլ նկարես,— մեջ ընկավ նա, բայց պարոն ՄըքՔին միայն ձանձրացած գլխով արեց ու շրջվեց դեպի Թոմը։

— Ես նորից եմ ուզում աշխատել Լոնգ Այլընդում, եթե իհարկե առիթը ներկայանա։ Միայն թե ինչ-որ մեկն օգնի ինձ սկզբում։

— Խնդրիր Միրթլին,— Թոմը մի քրքիջ արձակեց։ Այդ պահին սկուտեղը ձեռքին ներս մտավ տիկին Վիլսոնը։— Նա քեզ հանձնարարական նամակ կտա։ Ճիշտ չե՞մ ասում, Միրթլ։

― Ինչ կտա՞,― ցնցվեց նա։

― Դու ՄըքՔիին հանձնարարական նամակ կտաս, որ գնա ամուսնուդ մոտ և մի քանի նկար անի։― Թոմի շրթունքները մի պահ շարժվեցին անձայն, ապա արտաբերեց՝ «Ջորջ Բ․ Վիլսոնը բենզակայանի առջև» կամ նման մի բան։

Քեթրինը մոտ նստեց ինձ ու շշնջաց ականջիս։

― Տանել չեն կարող իրենց զույգին։

― Մի՞թե։

― Տանել չեն կարող։― Քեթրինը նայեց Միրթլին, ապա Թոմին։― Ուզում եմ ասել, ինչ կարիք կա այդպես ապրել։ Եթե ես նրանց տեղը լինեի, կբաժանվեի ու անհապաղ կամուսնանայի սիրած մարդու հետ։

― Նա է՞լ Վիլսոնին չի սիրում։

Պատասխանը անսպասելի էր։ Միրթլը, որ լսել էր խոսակցությունը, ինքը պատասխան տվեց՝ կոպիտ ու անվայելուչ։

― Տեսնո՞ւմ եք,― ասաց Քեթրինը հաղթական։ Նա կրկին ցածրացրեց ձայնը։― Թոմի կինն է պատճառը։ Նա կաթոլիկ է և չի ընդունում ամուսնալուծություն։

Դեյզին կաթոլիկ չէր։ Ի՜նչ հնարամիտ սուտ։

― Երբ նրանք ամուսնանան,― շարունակեց Քեթրինը,― կգնան Արևմուտք՝ և կապրեն այնտեղ մի որոշ ժամանակ, մինչև ամեն ինչ անցնի, մոռացվի։

― Ավելի լավ կլիներ Եվրոպա գնալ։

― Ձեզ դո՞ւր է գալիս Եվրոպան,― զարմացած բացականչեց նա։― Վերջերս եմ վերադարձել Մոնթե Քարլոյից։

― Իսկապե՞ս։

― Անցյալ տարի։ Ընկերուհուս հետ էինք գնացել։

― Երկա՞ր մնացիք։

― Ոչ։ Միայն գնացինք Մոնթե Քարլո ու ետ դարձանք։ Անցանք Մարսելով։ Հազար դոլարից ավելի փող ունեինք, բայց երկու օրում մեզ կողոպտեցին խաղատներում։ Մի կերպ տուն հասանք։ Հիշել անգամ չեմո ուզում։ Աստվա՜ծ, ինչպես եմ ատում այդ քաղաքը։

Մի պահ երեկոյան արևը Միջերկրականի մեղրալազուրի պես փայլատակեց պատուհանի մեջ, բայց անմիջապես տիկին ՄրքՔիի սուր ձայնը ինձ ետ բերեց հյուրասենյակ։

― Ես էլ քիչ էր մնում սխալ գործեի,— աշխույժ հայտարարեց նա։― Քիչ էր մնում ամուսնանայի այդ ողորմելի հրեայի հետ, որը տարիներ շարունակ ետևիցս էր րնկել։ Գիտեի, որ ինձնից ցածր է։ Բոլորն ասում էին․ «Լյուսիլ, այդ մարդը քեզ համապատասխան չէ», բայց եթե Չեսթերին չհանդիպեի, նա ինձ հաստատ կհամոզեր։

— Այո, բայց, լսիր,— Միրթլ Վիլսոնը գլուխն օրորեց,— բայց դու չամուսնացար նրա հետ։

— Այո, չամուսնացա։

— Իսկ ես ամուսնացա,— երկիմաստ ասաց Միրթլը։— Դա է իմ ու քո դեպքերի միջև եղած տարբերությունը։

— Իսկ դու ինչո՞ւ ամուսնացար, Միրթլ,— հարցրեց Քեթրինը,— Ո՞Վ էր քեղ ստիպում։

Միրթլը խորհեց մի պահ։

— Ես ամուսնացա, որովհետև կարծում էի, որ նա ազնիվ մարդ է,— վերջապես պատասխանեց նա։— Կարծում էի գաղափար ունի դաստիարակության մասին, իսկ նա կոշիկիս տակի ցեխն անգամ չարժեր։

— Մի ժամանակ խելքդ գնում էր նրա համար,— ասաց Քեթրինը։

— Խելքս գնու՜մ էր,— վրդովվեց Միրթլը։— Ո՞վ ասաց՝ խելքս գնում էր։ Իմ խելքը նրա համար այնքան էր գնում, որքան այս մարդու համար։

Նա հանկարծ ինձ մատնացույց արեց, և բոլորի մեղադրող հայացքները գամվեցին վրաս։ Ես իմ դեմքի արտահայտությամբ փորձեցի ցույց տալ, որ դեր չեմ խաղացել նրա անցյալում։

— Ես խելքս թռցրել էի այն ժամանակ միայն, երբ ամուսնացա։ Եվ անմիջապես հասկացա, որ սխալ եմ գործել։ Նա ընկերոջ կոստյումն էր հագել հարսանիքին ու ինձ էլ չէր ասել։ Մի քանի օր անց ընկերը եկավ կոստյումը վերցնելու, իսկ նա տանը չէր։— Միրթլը նայեց շուրջը՝ տեսնելու, թե ով է իրեն լսում։— «Դա ձեր կոստյո՞ւմն է,— հարցրեցի։— Առաջին անգամ եմ լսում»։ Բայց և այնպես տվեցի, հետո ընկա անկողնին ու ձայնս գլուխս գցած ոռնացի մինչև գիշեր։

— Միրթլը լավ կանի բաժանվի նրանից,— եզրակացրեց Քեթրինը կրկին ինձ դիմելով։— Արդեն տասնմեկերորդ տարին է, ինչ նրանք ապրում են գարաժի վրայի այդ տանը։ Եվ Թոմը նրա առաջին սիրեկանն է։

Նախ վիսկիի մի շիշ, ապա երկրորդը, ձեռքից ձեռք անցավ։ Միայն Քեթրինն էր անտարբեր խմիչքի նկատմամբ, ասելով, որ ինքն առանց այդ էլ լավ է զգում իրեն։ Թոմը զանգահարեց հարկի աշխատողին և ուղարկեց նրան ինչ-որ հռչակավոր կարագահացեր բերելու, որոնք փոխարինեցին ընթրիքին։ Ես ուզում էի գնալ այգի զբոսնելու մեղմ մթնշաղի մեջ, բայց ամեն անգամ, երբ փորձում էի ոտքի ելնել, ներգրավվում էի կատաղի վիճաբանության մեջ, որն ասես պարաններով ետ էր քաշում ինձ դեպի աթոռը։ Սակայն մթնող փողոցներում մեր լուսավորված պատուհանները պետք է որ մարդկային գաղտնիքի իրենց բաժինը ունենային պատահական անցորդի համար, և ես այդ վեր նայող ու խորհրդածող անցորդն էի։ Ես միաժամանակ և՛ ներսում էի, և՛ դրսում, հմայված ու խրտնած՝ կյանքի անհատնում զանազանությունից։

Միրթլը աթոռը մոտեցրեց ինձ, և հանկարծ նրա ջերմ շնչի հետ մեկտեղ ինձ ողողեց Թոմի հետ առաջին հանդիպման պատմությունը։

― Գնացքում նստել էինք դեմ֊դիմաց, ելքի մոտ։ Ես գնում էի Նյու Յորք՝ քրոջս տուն, գիշերելու։ Նա հագել էր տոնական կոստյում և լայքե կոշիկներ։ Աչքս չէի կարողանում կտրել նրանից, բայց ամեն անգամ,երբ ինձ էր նայում, ձևացնում էի, թե գլխավերևի հայտարարությունն եմ կարդում։ Երբ կայարան հասանք, նա կանգնեց կողքիս և այնպես սեղմվեց ուսիս ճերմակ վերնաշապիկ հագած կրծքով, որ ասացի ոստիկան եմ կանչելու, բայց նա չհավատաց։ Այնքան էի հուզված, որ երբ տաքսի նստեցինք, չէի հասկանում, թե որտեղ եմ՝ մետրոյո՞ւմ թե մեքենայում։ Գլխումս շարունակ մի միտք էր պտտվում. «Մի անգամ ես աշխարհ եկել։ Մի անգամ ես աշխարհ եկել»։

Միրթլը շրջվեց դեպի տիկին ՄըքՔին, և սենյակը լցվեց նրա շինծու ծիծաղով։

— Uիրելիս,— բացականչեց նա,— քեզ եմ նվիրելու այս հագուստը, հենց որ վրայիցս հանեմ։ Վաղը նորը կառնեմ։ Ցուցակ կկազմեմ, թե, վաղն ինչ եմ անելու։ Մերսում, գանգրացում, շան համար էլ վզնոց պետք է առնել, հետո զսպանակով մոխրաման, մեկ էլ մայրիկի գերեզմանի համար սև մետաքսե ժապավենով պսակ, որ ամբողջ ամառ չթառամի։ Ցուցակ կկազմեմ վաղվա անելիքներիս համար, որպեսզի ոչինչ չմոռանամ։

Ժամը ինն էր, բայց քիչ անց, երբ կրկին նայեցի ժամացույցիս, պարզվեց, որ արդեն տասն է։ Պարոն ՄըքՔին բռունցքները ծնկներին դրած ննջում էր բազկաթոռին, ասես լուսանկարվելու պատրաստ գործիչ լիներ։ Թաշկինակս հանեցի ու սրբեցի նրա դեմքի վրա չորացած օճառի փրփուրը, որն ամբողջ երեկո ինձ հանգիստ չէր տվել։

Սեղանին նստած շնիկը բաց ու խուփ էր անում կույր աչքերը ծխի մեջ և ժամանակ առ ժամանակ թույլ գռմռում։ Մարդիկ անհետանում էին, հայտնվում, պայմանավորվում ինչ֊որ տեղ գնալու, հետո կորցնում միմյանց, փնտրում ու մի քանի քայլի վրա կրկին գտնում։ Կեսգիշերին մոտ Թոմ Բյուքենենն ու տիկին Վիլսոնը դեմ-դիմաց կանգնած բորբոքված քննարկում էին, թե արդյոք տիկին Վիլսոնը իրավունք ունի արտասանելու Դեյզիի անունը։

— Դեյզի, Դեյզի, Դեյզի,— բղավում էր տիկին Վիլսոնը։— Ուզածս ժամանակ կասեմ։ Դեյզի, Դեյ․․․

Մի կարճ ճարպիկ շարժում՝ և Թոմ Բյուքենենի լայն ափը իջավ նրա քթին։

Հետո լողասենյակի հատակին արյունոտված սրբիչներ հայտնվեցին, և լսվեցին կանանց նախատալից ձայները, և այդ խառնաշփոթի մեջ առանձնացավ ցավի երկարատև մի ճիչ։ Պարոն ՄըքՔին արթնացավ, շշմած շարժվեց դեպի դուռը։ Կեսին շրջվեց ու աչքերը հառեց հետևյալ տեսարանին, իր կինն ու Քեթրինը, նախատելով ու մխիթարելով, օգնության պարագաները ձեռքներին, այս ու այն կողմ էին շարժվում՝ սայթաքելով իրար մոտ դրված կահ֊կարասու արանքներում, իսկ բազմոցի վրայի արնաշաղախ հուսահատ կերպարանքը փորձում էր փռել «Թաուն Թեթլը» Վերսալի տեսարաններով պաստառի վրա։ ՄըքՔին առաջ անցավ։ Աշտանակի վրայից վերցնելով գլխարկս, հետևեցի նրան։

— Եկեք մի օր միասին ճաշենք,— առաջարկեց նա, երբ վերելակում ախ ու վախ անելով իջնում էինք ցած։

— Որտե՞ղ։

— Որևէ տեղ։

— Լծակը հանգիստ թողեք,— շաչեց վերելակավարը։

— Ներեցեք,— արժանապատվության զգացումով ասաց նա։— Ես չնկատեցի, որ ձեռքս վրան եմ դրել։

— Դե լավ,— համաձայնեցի,— ուրախ կլինեմ։

... Ես կանգնել էի նրա անկողնու կողքին, իսկ նա ներքնաշորերով նստել էր սավանների վրա՝ ձեռքում մի հսկայական թղթապանակ։

— Գեղեցկուհին և գազանը... Միայնություն... նպարավաճառի ծեր ձին... Բրուքլին կամուրջը․․․

Քիչ անց պառկեցի Փենսիլվանիա կայարանի խոնավ նստարանին՝ և, քնից փակվող աչքերս հառած «Թրիբյունի» առավոտյան համարին, սպասում էի ժամը չորսի գնացքին։

Գլուխ երրորդ

Ամառվա գիշերներին հարևանիս տանը երաժշտություն էր հնչում։ Նրա պարտեզի կապտավուն մթության մեջ տղամարդկանց ու կանանց ստվերները գիշերաթիթեռների նման ճախրում էին շշուկների, շամպայնի և աստղերի միջև։ Կեսօրին, բարձր մակընթացության ժամանակ ես տեսնում էի, թե ինչպես են նրա հյուրերը ջուրը նետվում լաստանավի աշտարակից կամ արևի լոգանք ընդունում՝ փռված լողափի տաք ավազին, իսկ նրա երկու մոտորանավերը՝ իրենց ետևից ջրաթիռներ ձգելով, ճեղքում էին Սաունդի փրփրադեզ ալիքները։ Շաբաթ֊կիրակի օրերին «ռոլս-ռոյսը» վերածվում էր օմնիբուսի և առավոտից մինչև ուշ գիշեր քաղաքից խմբեր էր բերում-տանում, մինչդեռ նրա մեծ մեքենան դեղին բզեզի նման սուրում էր կայարան՝ գնացքները ղիմավորելու։ Իսկ երկուշաբթի օրերին ութ ծառա, ներառյալ հատկապես այդ առիթով վարձած երկրորդ պարտիզպանը, ցախավելներով, քերիչ խոզանակներով, մուրճերով և խոշոր մկրատներով տքնաջանորեն աշխատում էին վերացնել նախորդ օրվա ավերածությունները։

Ամեն ուրբաթ Նյու Յորքի մրգավաճառից հինգ զամբյուղ նարինջ ու լիմոն էր գալիս և ամեն երկուշաբթի ետնամուտքից այդ նույն նարինջներն ու լիմոնները անմիջուկ, բլրաձև դիզված կեսերով դուրս էին գնում։ Խոհանոցում կար մի մեքենա, որը կես ժամում կարող էր երկու հարյուր նարինջի հյութը հանել, եթե ծառայի բթամատով երկու հարյուր անգամ սեղմվեր փոքրիկ կոճակը։ Առնվազն ամիսը երկու անգամ մի խումբ մատակարարներ բերում էին հարյուրավոր յարդերով քաթան և անթիվ֊անհամար գույնզգույն լապտերներ՝ ասես պատրաստվում էին Գեթսբիի պարտեզը վերածել հսկայական Ծննդյան ծառի։

Պսպղուն աղանդերով զարդարված սեղաններին առլեկինի հագուստանախշեր հիշեցնող սալաթների կարգի դիմաց շարվում էին համեմված ապուխտներ, իսկ խորոված խոճկորներն ու հնդկահավերը կախարդում էին իրենց թանձր կարմրագույնով։ Մեծ դահլիճում արույրե ճաղերով մի իսկական բար կար, ուր ինչ ասես չէիր գտնի՝ վաղուց մոռացված ջին, լիկյոր, թունդ խմիչքներ, որոնց անուններն անգամ չգիտեին նրա կին հյուրերից շատերը։

Ժամը յոթին նվագախումբն իր տեղում է, ոչ թե մի քանի խղճուկ երաժիշտ, այլ ամբողջ կազմը՝ հոբոյները, տրոմբոնները, սաքսոֆոնները, վիոլաները, կոռնետները, սրինգները և փոքր ու մեծ թմբուկերը։ Լողափից վերադարձել են վերջին լողացողները և հիմա հագնվում են վերևում։ Նյու Յորքից եկած հյուրերի մեքենաները հինգ շարքով կանգնած են դրսում, իսկ դահլիճում, սրահներում և պատշգամբներում արդեն երփներանգին են տալիս ծիածանի գույների զգեստները, վերջին նորաձևության սանրվածքները և շալեր, որ կերազեին անգամ կաստիլուհիները։ Բարն աշխուժացել է, պարտեզում սավառնում են սկուտեղներ, մինչդեռ ամենուր օդում զրնգում են շաղակրատանքը, ծիծաղը, պատահական ակնարկները, տեղնուտեղը մոռացվող ծանոթությունների և միմյանց անուն չիմացող կանանց խանդավառ հանդիպումների բացականչությունները։

Լույսերը գնալով պայծառանում են, իսկ երկրագունդը գնալով թեքվում է արևից։ Ապա նվագախումբը հնչեցնում է խմիչքին հարմար ծորուն երաժշտություն, և օպերային ձայների խումբը մի նոտա բարձր ձայնակցում է։ Ծիծաղը գնալով անկաշկանդ է դառնում՝ պոռթկալով յուրաքանչյուր կատակ֊բառի վրա։ Խմբերը շարունակ փոփոխվում են, հավաքագրում նորանոր անգամներ, ցրվում և նույն ոգով վերակազմվում։ Ահա մի քանի ինքնավստահ, անդադրում աղջիկներ, որոնք մերթընդմերթ երևում են պատկառելի տիկնանց կողքին, մի երջանիկ կարճ պահ հայտնվում ուշադրության կենտրոնում, հետո, հաղթանակից հուզված, առաջ սահում դեմքերի, ձայների և գույների ծովածավալ մակնթացության միջով, հարատև փոխվող լույսի ներքո։

Հանկարծ նման գնչուական ոգու տեր մեկը՝ ծփծփուն կաթնագույնի մեջ, օդում բաժակ ճանկելով մի կում է անում համարձակություն ստանալու համար ու մեն-մենակ պտույտներ գործում պաստառածածկ տախտակամածի վրա։ Վայրկենական լռություն։ Խմբավարը, հնազանդ, նրա պարին է հարմարեցնում երաժշտությունը և անմիջապես սուտ լուր է տարածում, թե աղջիկը Ջիլդա Գրեյի կրկնակն է «Ֆոլլի» պարասրահից։ Երեկույթն սկսված է։

Վստահ եմ, որ այն շաբաթ երեկոն, երբ առաջին անգամ ոտք դրեցի Գեթսբիի տունը, ես սակավաթիվ հրավիրյալներից մեկն էի։ Այստեղ մարդկանց չէին հրավիրում, նրանք իրենք էին գալիս։ Նստում էին մեքենա, քշում Լոնգ Այլընդ և ինչ-որ կերպ հայտնվում Գեթսբիի դռան առաջ։ Սկզբում տանտիրոջը ճանաչող մեկը ներկայացնում էր հյուրին, իսկ դրանից հետո յուրաքանչյուրը, առաջնորդվելով վարվելակերպի կանոններով, իրեն պահում էր այնպես, ինչպես զբոսայգում։ Երբեմն նրանք գալիս էին ու գնում առանց Գեթսբիին հանդիպելու, գալիս էին սրտաբացությամբ, որը ինքնին մուտքի տոմս էր։

Ինձ հրավիրել էին ամենայն շուքով։ Շիկահավի ձվի գույնի կապույտ համազգեստով վարորդը վաղ առավոտյան հայտնվեց դռանս առջև և ինձ հանձնեց չափից դուրս պաշտոնական մի գրություն հետևյալ բովանդակությամբ, որ Գեթսբիի համար մեծ պատիվ կլինի, եթե ես այդ օրը ներկա լինեմ նրա «փոքրիկ երեկույթին», և որ նա բազմիցս տեսել է ինձ ու վաղուց մտադրվել այցի գալ իմ տունը, սակայն հանգամանքների բերումով չի կարողացել... Եվ պերճաշուք ձեռագրով ստորագրված էր՝ Ջեյ Գեթսբի։

Ժամը ութի կողմերը, սպիտակ ֆլանելե կոստյումը հագիս, ես ոտք դրեցի նրա սահմանը և անմիջապես տհաճ զգացում ունեցա՝ հայտնվելով մարդկային հորձանուտի մեջ. մեծ մասին չէի ճանաչում, թեև երբեմն զանազանում էի դեմքեր, որոնց տեսել էի գնացքում։ Շուրջս այս ու այնտեղ աչքի ընկան երիտասարդ անգլիացիներ, բոլորն էլ լավ հագնված էին, բոլորն էլ փոքր֊ինչ սոված էին և բոլորն էլ ցածրաձայն, լուրջ զրուցում էին հարուստ, պատկառելի ամերիկացիների հետ։ Ըստ երևույթին, նրանք առուծախի մեջ էին՝ բաժնետոմսեր, ապահովագրություն կամ էլ ավտոմեքենա։ Հեշտ ձեռք բերվելիք դրամի մոտիկությունը հանգիստ չէր տալիս նրանց, և բացի այդ, համոզված էին, որ այն իրենցը կլինի, եթե հարկ եղած ձայնով հարկ եղած բառերը արտասանեին։

Տեղ հասնելուն պես փորձեցի գտնել տանտիրոջը, բայց այն երկու-երեք հոգին, որոնց դիմեցի, այնպես զարմացան և այնպես բուռն կերպով ապացուցեցին իրենց անտեղյակությունը նրանից, որ ճարահատյալ մոտեցա խմիչքի սեղանին, ուր մարդ, առանց անօգնական ու խղճուկ թվալու, կարող է ապաստան գտնել։

Միանգամայն շփոթված, ես պատրաստվում էի կատաղի հարբեցողության մատնել ինձ, երբ հանկարծ նկատեցի Ջորդան Բեյքերին։ Նա դուրս եկավ տնից, կանգնեց մարմարյա աստիճանների գլխին և մարմինը փոքր֊ինչ թեքած՝ արհամարհական հետաքրքրությամբ նայեց ցած, դեպի պարտեզ։

Ես չգիտեի, թե արդյո՞ք իմ ընկերակցությունը հաճելի կլինի նրան, սակայն անհրաժեշտ էր մեկն ու մեկին միանալ, նախքան կսկսեի անցորդների հետ սրտագին զրույցի բռնվել։

― Ողջո՜ւյն,— աղաղակեցի ես, առաջանալով դեպի նա։ Իմ ձայնն անբնականորեն բարձր հնչեց պարտեզում։

— Ես այդպես էլ գիտեի, որ ձեզ կտեսնեմ,— անփույթ ասաց Ջորդանը, երբ մոտ եկա։— Հիշեցի, որ դուք հարևաններ եք։

Նա թեթևակի սեղմեց ձեռքս որպես խոստում քիչ հետո ինձնով զբաղվելու, և շրջվեց նույնանման դեղին զգեստներով աղջիկների կողմը, որոնք կանգ առան աստիճանների գլխին։

— Բարև ձեզ,— ողջունեցին նրանք միաբերան։— Ափսո՜ս, դուք չշահեցիք։

Խոսքը գոլֆի մրցումների մասին էր։ Անցյալ շաբաթ Ջորդանը տարվել էր վերջնախաղերի ժամանակ։

— Դուք մեզ չեք ճանաչում,— ասաց դեղնազգեստ աղջիկներից մեկը,— բայց մենք ծանոթացել ենք այստեղ, մի ամիս առաջ։

— Ձեր մազերն այն ժամանակ ուրիշ գույնի էին,— Ջորդանի խոսքից ես վեր թռա, որովհետև աղջիկներն արդեն առաջ էին անցել, և անկասկած նրա դիտողությունը ուղղվեց նորալուսնին, որն ասես հենց նոր դուրս ելած լիներ մատակարարի զամբյուղից՝ այլևայլ ուտեստների հետ միասին։ Ես սեղմեցի Ջորդանի նուրբ արևահար բազուկը, և միասին իջանք աստիճաններով ու զբոսնեցինք պարտեզում։ Մթնշաղի միջից քոքթեյլներով լի մի սկուտեղ ճախրեց դեպի մեզ, և մեկական բաժակ վերցնելով, մոտեցանք այն սեղանին, ուր արդեն նստած էին դեղնազգեստ աղջիկներն ու երեք տղամարդ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացավ որպես պարոն Այսինչ կամ Այնինչ։

— Հաճա՞խ եք գալիս այստեղ,— հարցրեց Ջորդանը կողքին նստած աղջկան։

— Վերջին անգամն այն երեկոն էր, երբ ձեզ հետ ծանոթացա,— գոհ շարադրեց նա, ապա դիմեց ընկերուհուն։— Իսկ դո՞ւ, Լյուսիլ։

Պարզվեց, որ նրանք միասին են եղել։

— Ես սիրով եմ գալիս այստեղ,— ասաց Լյուսիլը։— Ընդհանրապես ես երբեք չեմ մտածում, թե ինչ եմ անում, դրա համար էլ միշտ լավ Ժամանակ եմ անցկացնում։ Անցյալ անգամ շորս աթոռին կպավ ու պատռվեց։ Նա անունս ու հասցես գրեց և մի քանի օրից Քրուարյեի արհեստանոցից մի տուփ ստացա՝ մեջը երեկոյան նոր զգեստ։

— Ընդունեցի՞ք,— հարցրեց Ջորդանը։

— Իհարկե։ Ուզում էի այս երեկո հագնել, բայց կուրծքը լավ չէր նստում, լայն է, փոխել է պետք։ Բաց երկնագույն է, վրան ուլունքներով նարդոսի ծաղիկներ են ասեղնագործած։ Երկու հարյուր վաթսունհինգ դոլար արժե։

— Ինչ ուզում եք ասեք, բայց սովորական մարդն այդպես չի կարող վարվել,— համոզված հայտարարեց մյուս աղջիկը։— Պարզ է, չի ուզում որևէ մեկի հետ անախորժություն ունենալ։

— Ո՞վ չի ուզում,— հետաքրքրվեցի։

— Գեթսբին։ Ինձ ասել են...

Աղջիկներն ու Ջորդանը դավպդրաբար իրար մոտեցան

— Ինձ ասել են, որ նա մարդ է սպանել։

Դող անցավ բոլորիս մարմնով։ Պարոնայք Այսինչն ու Այնինչը առաջ թեքվեցին՝ համակ ուշադրություն դարձած։

― Ճիշտ չէ,— թերահավատորեն առարկեց Լյուսիլը։— Ավելի շուտ նա գերմանական լրտես է եղել պատերազմի ժամանակ։

Տղամարդկանցից մեկը, ի նշան համաձայնության, գլխով արեց։

― Ես այդ լսել եմ մի մարդուց, որն ամեն ինչ գիտե նրա մասին, միասին են մեծացել Գերմանիայում,— հավաստիացրեց վերջինս։

― Չի կարող պատահել,— առարկեց առաջին աղջիկը։— Պատերազմի Ժամանակ նա ծառայում էր ամերիկյան բանակում։— Եվ ոգևորված շարունակեց, որովհետև մեր վստահությունը անցավ նրա կողմը։― Ուշադիր դիտեցեք դեմքը, մանավանդ այն ժամանակ, երբ կարծում է, թե իրեն չեն նայում։ Գրազ կգամ, նա մարդ սպանած կլինի։

Աղջիկը կկոցեց աչքերն ու փշաքաղվեց։ Լյուսիլը նույնպես փշաքաղվեց։ Բոլորս շրջվեցինք և նայեցինք մեր չորս բոլորը՝ Գեթսբիին փնտրելու միտումով։ Դա վկայություն էր այն ռոմանտիկ խորհրդածության, որ նա էր ներշնչում, և նույնիսկ այն մարդիկ, որոնք այս աշխարհում խոսելու անհրաժեշտ շատ քիչ բան էին գտնում, փսփսում էին նրա մասին։

Մատուցում էին առաջին ընթրիքը (կեսգիշերն անց երկրորդն էր հաջորդելու), երբ Ջորդանը հրավիրեց ինձ միանալու իր խմբին, որը տարածվել էր սեղանի շուրջ պարտեզի մյուս կողմում։ Այն բաղկացած էր երեք ամուսնացած զույգից և Ջորդանի թիկնապահից։ Վերջինս՝ մի համառ ուսանող, ըստ երևույթին այն կարծիքին, որ փաղ թե ուշ Ջորդանը անձնատուր կլինի իրեն։ Դեսուդեն ընկնելու փոխարեն, այս խումբը պահպանել էր արժանավայել միատարրություն և իրեն էր վերագրում տեղի դրական ազնվականությունը ներկայացնելու պատիվը՝ Իսթ Էգգը զիջողաբար է վերաբերվում Վեսթ Էգգին և զգոնությամբ խուսափում է նրա լուսադիտակային զվարթությունից։

— Եկ գնանք այստեղից,— շշնջաց Ջորդանը, երբ մոտ կես ժամ անտեղի վատնեցինք ու ձանձրացանք։— Էլ չեմ կարող նման քաղաքավարական խոսակցությունների դիմանալ։

Մենք ոտքի ելանք։ Ջորդանը բացատրեց, թե գնում ենք տանտիրոջը գտնելու, որովհետև անհարմար է զգում մինչև հիմա նրան չներկայանալու համար։ Ուսանողը ներողամիտ, ալարկոտ քմծիծաղով գլխով արեց։

Բարը, ուր առաջին հերթին մտանք մենք, մարդաշատ էր, սակայն Գեթսբին այնտեղ չէր։ Ջորդանը աստիճանների գլխին կանգնած նայեց պարտեղ․ Գեթսբին ոչ մի տեղ չէր երևում։ Նա պատշգամբում էլ չէր։ Պատահմամբ բացեցինք կարևորություն ներշնչող մի դուռ և մտանք գրադարան։ Գոթական ոճի բարձր կամարներով սենյակի պատերին կաղնու փայտից դրվագված անգլիական զարդաքանդակներ էին, հավանաբար, ամբողջությամբ տեղափոխած օվկիանոսից այն կողմ գտնվող ինչ֊որ հեռավոր, տոհմիկ ամրոցից։

Լիքը, միջին տարիքի, բուի աչքեր հիշեցնող ահռելի ակնոցով մի մարդ, փոքր֊ինչ խմած, նստած էր հսկա գրասեղանի եզրին ու մտազբաղ դիտում էր գրադարակները։ Մեր մտնելուն պես նա թափով շրջվեց ու զննեց Ջորդանին ոտից գլուխ։

— Ի՞նչ եք կարծում,— եռանդուն հարցրեց։

— Ի՞նչը նկատի ունեք։

Նա ձեռքով ցույց տվեց գրադարակները։

— Դրանք։ Կարիք չունեք ստուգելու։ Ես ստուգել եմ։ Իսկական են։

— Գրքե՞րը։

Նա գլխով արեց։

— Ոչ մի կեղծիք, էջեր ունեն, կազմ, ինչպես որ պետք է։ Ես կարծում էի, միայն ստվարաթղթե գեղեցիկ կազմեր են, բայց պարզվեց, որ իսկակսէն են։ Էջեր էլ ունեն, ահա՛, տեսե՜ք։

Ընդունելով մեր թերահավատությունը հարկ եղածին պես, նա նետվեց դեպի գրադարակներն ու վերադարձավ Սթոդդարդի «Դասախոսությունների» առաջին հատորը ձեռքին։

— Տեսնո՜ւմ եք,— հաղթական գոչեց նա՝ մեկնելով այն ինձ։— Ի՜նչ հրաշալի տպագրություն։ Ինձ հիմար վփճակի մեջ գցեց։ Այս տղան երկրորդ Բելասքո է։ Սա հաղթանակ է։ Մանրազնին հետազոտություն։ Ինչպիսի՜ ռեալիզմ։ Նույնիսկ գիտե, թե երբ է կանգ առնելու... Էջերն անգամ չի կտրել։ Բայց ի՞նչ եք ուզում։ Ինչի՞ եք սպասում։

Նա գիրքը խլեց ձեռքիցս և շտապ տեղը դրեց, մրթմրթալով, որ եթե մի աղյուս տեղաշարժվի, ապա ամրողջ շենքը փուլ կգա։

― Ձեզ ո՞վ է բերել,— հարցրեց։— Գուցե ինքնե՞րդ եք եկել։ Ինձ բերել են։ Այստեղ շատերին են բերում։

Ջորդանը առանց պատասխանելու թռուցիկ, զվարթ հայացք ձգեց նրա վրա։

— Ինձ այստեղ բերեց Ռուզվելթ անունով մի կին,— շարունակեցի նա։— Տիկին Քլոդ Ռոլզվելթը։ Ճանաչո՞ւմ եք։ Անցյալ երեկո ես նրա հետ մի տեղ ծանոթացա։ Մի շաբաթ է, ինչ խմած եմ, մտածեցի՝ գրադարանում նստեմ, կսթափվեմ։

― Եվ ի՞նչ։

― Մի քիչ օգնեց, բայց ոչ շատ։ Ընդամենը մեկ ժամ եմ նստել։ Ես ձեզ ասացի՞ գրքերի մասին։ Իսկական են։ Դրանք...

― Ասացիք։

Մենք լուրջ ու հանդիսավոր ձեռք թոթվեցինք ու դուրս ելանք։

Քաթանե ծածկի վրա պարտեզում պարերն սկսվել էին։ Ծերուկները երիտասարդ աղջիկներին ետ֊ետ էին տանում՝ անդադար պարային անհրապույր պտույտներ գործելով, անկյուններում նորաձև գալարուն շարժումներով դոփում էին միմյանց փարված ինքնագոհ զույգերը, իսկ բազմաթիվ աղջիկներ, մի պահ ազատելով նվագախմբին բանջո կամ կաստանիետ նվագելուց, մենապարում էին՝ յուրաքանչյուրն իր ձևով։ Կեսգիշերին խրախճանքը թեժացավ։ Հայտնի դարձած մի տենոր իտալական երգ կատարեց, իսկ համբավ ձեռք բերած կոնտրալտոն՝ ջազային երգ։ Ընդմիջումներին հյուրերն իրենք իրենց էին զվարճանում՝ «համարներ» ցուցադրելով ամբողջ պարտեզով մեկ, իսկ նրանց երջանիկ, անհոգ ծիծաղի պոռթկումները թռչում էին դեպի ամառային երկինքը։ Տարազներով բեմական զույգը, որն ինչպես պարզվեց դեղնազգեստ աղջիկներն էին, մանկական կյանքից մի հատված ներկայացրեց, իսկ սպասավորները լվացաթասի մեծության բաժակներով շամպայն էին մատուցում։ Լուսինը բարձր երկնքում էր, և Սաունդ գետում լող էր տալիս արծաթյա թեփուկների եռանկյունին՝ բանջոյի չոր մետաղային ճնկճնկոցից դողահար։

Ես դեռ Ջորդան Բեյքերի կողքին էի։ Մեր սեղանին նստած էին երկու հոգի՝ իմ տարիքի մի տղամարդ և մի փոքրիկ աղմկոտ աղջիկ, որն ամեն դատարկ բանից անկաշկանդ ծիծաղում էր։ Ես այժմ ինձ լավ էի զգում։ Երկու լվացաթաս շամպայն խմելուց հետո աչքիս ամեն ինչ կարևոր, անապական ու խորիմաստ էր թվում։

Կարճատև դադարի ժամանակ տղամարդը նայեց ինձ ու ժպտաց։

— Ձեր դեմքը ծանոթ է,— բարեհամբույր ասաց նա։— Դուք պատահմամբ պատերազմի ժամանակ Երրորդ բաժանմունքում չէի՞ք ծառայում։

— Ինչպես չէ։ Ես Իններորդ գնդացրային գումարտակում էի։

— Իսկ ես մինչև 1918 թվականի հունիսը Յոթերորդ հետևակային գնդում էի։ Իզուր չէր ինձ թվում, որ ձեզ ինչ֊որ տեղ տեսել եմ։

Որոշ Ժամանակ մենք զրուցեցինք Ֆրանսիայի խոնավ ու անհրապույր գյուղակների մասին։ Ըստ երևույթին, նա ապրում է մոտակայքում, եզրակացրի ես, որովհետև պատմեց, թե ինչպես վերջերս ջրաթիռ էր գնել և առավոտյան պատրաստվում էր փորձարկել։

— Չե՞ք ուզում ինձ այցելել, բարեկամ։ Գետի վրա կզբոսնենք։

— Ե՞րբ։

— Երբ ուզում եք։

Քիչ էր մնում հարցնեի, նրա անունը, երբ Ջորդանը նայեց ինձ ու ժպտալով հարցրեց․

— Լա՞վ եք զգում։

— Ոչինչ։― Ես կրկին դիմեցի նոր ծանոթիս։— Սա ինձ համար անսովոր երեկույթ է։ Տանտիրոջն անգամ չեմ ճանաչում։ Ես ապրում եմ այնտեղ․․․― և ձեռքս թափահարեցի դեպի անտեսանելի ցանկապատը։— Նա ինձ վարորդի հետ հրավիրատոմս էր ուղարկել։

Մի պահ ցրված նայեց ինձ։

— Ես եմ Գեթսբին,— հանկարծ ասաց նա։

— Ի՜նչ,— բացականչեցի ես։— Ա՜խ, ներեցեք։

— Ես կարծեցի, թե դուք ինձ ճանաչում եք, բարեկամ։ Երևի վատ տանտեր եմ։

Նա ժպտաց բարեհոգի, ո՛չ, ավելի՛ քան բարեհոգի։ Դա մեկն էր այն հազվագյուտ քաջալերող ժպիտներից, որ կյանքում չորս կամ հինգ անգամ է պատահում։ Մի պահ այն դեմ֊հանդիման էր, կամ թվում էր դեմ֊հանդիման ողջ արտաքին աշխարհին, իսկ հետո անխուսափելի կանխակալությամբ կենտրոնանում էր վրադ քո օգտին։ Եվ զգում ես, որ քեզ հասկանում են այնքան, որքան դու ես ուզում, հավատում են քեզ այնքան, որքան դո՛ւ ես ցանկանում և այնպիսի տպավորություն ես թողել դիմացինիդ վրա, ինչպիսին կուզեիր թողնել։ Սակայն շատ շուտով ժպիտը չքացավ, և դեմս ելավ երեսունն անց մի պճնամոլ դատարկապորտ, որի պաճուճազարդ լեզուն անհեթեթության էր հասնում։ Դեռ ինձ չներկայացած, ես այն տպավորությունը ստացա, որ նա գերագույն խնամքով էր ընտրում խոսքերը։

Հենց այդ վայրկյանին, երբ Գեթսբին հայտնեց իր ով լինելր, մոտ վազեց ծառան և զեկուցեց, որ Չիկագոյից զանգահարում են։ Գեթսբին ներողություն խնդրեց թեթևակի խոնարհությամբ, որը բոլորիս էր վերաբերում։

— Եթե որևէ բանի կարիք զգաք, բարեկամ,— դիմեց նա ինձ,— կանչեցեք ծառային։ Ես շուտով կվերադառնամ։ Ներեցեք ինձ։

Հենց որ Գեթսբին հեռացավ, ես անհամբեր շրջվեցի դեպի Ջորդանը՝ զարմանքս հայտնելու։ Ես պարոն Գեթսբիին պատկերացնում էի միջին տարիքի, գեր, կարմիր դեմքով։

― Ո՞վ է նա,— հարցրեցի։— Ճանաչո՞ւմ եք նրան։

― Գեթսբի անունով մեկն է։

— Ուզում եմ ասել, որտեղացի՞ է, ի՞նչ զբաղմունքի տեր։

— Հիմա էլ դուք սկսեցիք,— ալարկոտ ժպտաց նա։— Մի բան գիտեմ, որ Օքսֆորդում է սովորել։ Ինքն է ինձ ասել։

Աղոտ կերպով սկսեցի պատկերացնել Գեթսբիի միջավայրը, բայց Ջորդանի հաջորդ դիտողությունը ամեն ինչ տակնուվրա արեց։

― Ինչևէ, ես դրան չեմ հավատում։

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ,— պնդեց նա։— Ինձ թվում է, նա Օքսֆորդում չի սովորել։

Ինչ֊որ բան նրա ձայնի մեջ հիշեցրեց ինձ դեղնազգեստ աղջկա՝ "Ինձ թվում է, նա մարդասպան է» խոսքը, և դա խթան հանդիսացավ իմ հետաքրքրասիրությանը։ Ես անհապաղ, առանց այլևայլության պատրաստ էի ընդունելու, որ նա Լուիզիանայի ճահճուտների կամ էլ Նյու Յորքի աղքատ թաղամասերի ծնունդ է։ Միանգամայն հնարավոր էր։ Բայց նույնիսկ իմ գավառական անփորձությունը թույլ չէր տալիս հավատալու, որ երիտասարդները հենց այնպես, հեշտ ու հանգիստ դուրս չեն պրծնում ոչ մի տեղից ու պալատ չեն գնում Լոնգ Այլընդ Սաունդում։

— Ինչ որ է, նրա տանը միշտ բազմություն է հավաքվում,— ասաց Ջորդանը, շեղվելով նյութից՝ քաղաքացուն հատուկ ատելությամբ դեպի որոշակին։— Ես սիրում եմ շքեղ հավաքույթներ։ Այնքան մտերմիկ են։ Իսկ փոքր հավաքույթներում երբեք քեզ ազատ չես զգում։

Բաս թմբուկը խուլ թմբկահարեց, և խմբավարի ձայնը զիլ հնչեց պարտեզի ժխորի միջից։

― Տիկնայք և պարոնայք։ Պարոն Գեթսբիի խնդրանքով ձեզ համար կնվագենք Վլադիմիր Տոստովի վերջին գործը, որը մայիսին մեծ ուշադրության արժանացավ Քարնեգի Հոլում։ Եթե դուք թերթ կարդում եք, ուրեմն գիտեք, որ այն մեծ աղմուկ առաջացրեց։— Խմբավարը ներողամտորեն ժպտաց և աշխույժ ավելացրեց՝ իսկական աղմուկ, որի վրա բոլորը ծիծաղեցին։

— Եվ այսպես,— ոգևորված եզրափակեց նա,— Վլադիմիր Տոստով՝ «Աշխարհի ջազի պատմությունը»։

Ես չկարողացա պարոն Տոստովի ստեղծագործությունը վայելել, որովհետև հենց սկզբից աչքս ընկավ Գեթսբիին, որը մարմարյա աստիճանների հարթակին կանգնած՝ աչքերը խրախուսանքով պտտում էր մի խմբից մյուսը։ Նրա դեմքի արևահար մաշկը ձիգ էր, կարճ մազերն այնպիսի տեսք ունեին, ասես ամեն օր կտրվում էին ու խնամվում։ Ոչ մի չարագույժ բան չնշմարեցի նրա մեջ։ Գուցե այն փաստը, որ նա չէր խմում, օգնում էր նրան առանձնանալու իր հյուրերից, և ինձ թվաց, որ համընդհանուր զվարթության աճին զուգընթաց, նա գնալով զգաստանում էր։ Երբ «Աշխարհի ջազի պատմությունն» ավարտվեց, աղջիկներից ոմանք մտերմիկ սեթևեթանքով գլուխները դրեցին տղամարդկանց ուսերին, ոմանք էլ սուտ ուշաթափվեցին՝ իրենց գցելով տղամարդկանց գիրկը, մի քանիսը՝ նույնպես մի խումբ տղամարդկանց, բայց ոչ ոք չընկավ Գեթսբիի գիրկը, և տղայի սանրվածքով ոչ մի աղջնակ չդիպավ նրա ուսին, նրա մասնակցությամբ ոչ մի երգեցիկ քառյակ չկազմվեց։

― Ներեցեք, խնդրեմ։

Գեթսբիի ծառան հանկարծ հայտնվեց մեր կողքին։

— Օրիորդ Բեյքե՞ր,— հետաքրքրվեց նա։— Ներեցեք, խնդրեմ, պարոն Գեթսբին ցանկանում է ձեզ հետ առանձին խոսել։

— Ի՞նձ հետ,— զարմացած բացականչեց Ջորդանը։

— Այո, օրիորդ։

Ջորդանը ինձ նայեց, ապշած բարձրացրեց հոնքերը, դանդաղ ոտքի ելավ ու հետևեց ծառային դեպի տուն։ Ես նկատեցի, որ նա երեկոյան զգեստի մեջ, և ընդհանրապես ցանկացած հագուստի մեջ այնպես ազատ էր պահում իրեն, կարծես մարզահագուստով լիներ։ Նրա շարժումներն անկաշկանդ էին, ասես իր առաջին քայլերը սովորել էր անել գոլֆի դաշտում, ջինջ ու պարզ առավոտներին։

Ես մնացի մենակ։ Համարյա ժամը երկուսն էր։ Ինչ֊որ խառնաշփոթ, հանելուկային հնչյուններ էին հորդում պատշգամբ նայող երկարավուն, շատ պատուհաններ ունեցող սենյակից։ Խույս տալով Ջորդանի թիկնապահից, որն ինձ ուզում էր ներգրավել երկու աղջիկների հետ ծննդաբերության մասին վարած խոսակցության մեջ, ես ներս գնացի։

Ընդարձակ սենյակը մարդաշատ էր։ Դեղնազգեստ աղջիկներից մեկը դաշնամուր էր նվագում, իսկ կողքին կանգնած բարձրահասակ, կարմրահեր երիտասարդ տիկինը հայտնի երգչախմբից՝ երգում էր։ Սա չափազանց շատ շամպայն էր կոնծել և երգելիս հանկարծ անտեղի որոշեց, որ կյանքն անասելի տխուր է և սկսեց միաժամանակ ողբալ։ Յուրաքանչյուր երաժշտական դադար զուգակցվում էր կարճ, ջղաձիգ հեկեկոցներով, որից հետո դողդոջուն սոպրանոյով վերսկսվում էր մեղեդին։ Արցունքները ոչ առանց խոչընդոտի կախվում էին թանձր ներկած արտևանունքներից, այնուհետև հոսում էին այտերն ի վար՝ թանաքագույն դանդաղահոս գետակների վերածված։ Ինչ֊որ կատակասեր ասաց, որ նա երգում է դեմքի վրայի նոտաներով, այս խոսքի վրա նա ձեռքերը վեր տարավ, սուզվեց բազկաթոռի մեջ ու գինովի խոր քուն մտավ։

— Այս տիկինը վեճի էր բռնվել մի պարոնի հետ, որը հավատացնում էր, թե նրա ամուսինն է,— բացատրեց կողքիս կանգնած աղջիկը։

Ես նայեցի շուրջս։ Ներկա կանանցից շատերը զբաղված էին վիճելով իրենք իրենց ամուսին հորջորջող տղամարդկանց հետ։ Նույնիսկ Ջորդանի խմբի՝ Իսթ Էգգի քառյակի մեջ տարաձայնություն էր ընկել։ Տղամարդկանցից մեկը աշխույժ հետաքրքրությամբ զրուցում էր մի երիտասարդ դերասանուհու հետ, իսկ նրա կինը, որ սկզբում արժանավայել ու անտարբեր տեսքով կանգնած ծիծավում էր ստեղծված իրավիճակի վրա, ի վերջո չդիմացավ ու պատրաստվեց հարձակման անցնել կողքից։ ժամանակ առ ժամանակ նա շիկացած ադամանդի պես հայտնվում էր ամուսնու մեկ այս, մեկ այն կողմում՝ ֆշշացնելով նրա ականջին՝ դու խոստացել ես։

Տուն չգնալու ցանկությունը միայն քմահաճ տղամարդկանց չէր վերաբերում։ Ներկաներն այժմ զբաղված էին բացարձակապես զգոն երկու տղամարդկանցով և նրանց անչափ զայրացած կանանցով։ Կամ թեթևակի բարձրացրած ձայներով կարեկցում էին միմյանց։

— Հենց որ տեսնում է, որ ես ինձ լավ եմ զգում, տուն գնալը բռնում է։

— Կյանքումս նման եսասերի չեմ հանդիպել։

— Մենք միշտ առաջինն ենք տուն գնում։

— Մենք էլ։

— Բայց այս օր համարյա վերջինն ենք,— երկչոտ առարկեց ամուսիններից մեկը։— Նվագախումբը մի ժամ առաջ է գնացել։

Չնայած կանայք համաձայնեցին, որ նման բռնությունը անօրինական է, բայց տղամարդիկ իրենց խոսքի տերն էին․ վիճաբանությունն ավարտվեց կարճ պայքարով, և կանանց թևատակերից բռնած դուրս տարան դեպի գիշերային մթությունը։

Ես սպասում էի, որ գլխարկս բերեն, երբ հանկարծ գրադարանի դուռը բացվեց, և Ջորդան Բեյքերն ու Գեթսբին միասին դուրս ելան։ Գեթսբին ավարտում էր խոսքը, սակայն նրա խոսելաձևի եռանդը կտրուկ փոխվեց ձևականության, երբ մի քանի հոգի նրան մոտեցան ցտեսություն ասելու։

Ջորդանի ուղեկիցները նախագավթում կանգնած անհամբերությամբ նրան էին կանչում, բայց նա մի պահ կանգ առավ ինձ մնաս բարով ասելու։

— Ես հենց նոր մի ապշեցուցիչ պատմություն լսեցի,— շշնջաց նա։— Ինչքա՞ն ժամանակ մնացի ներսում։

— Մոտ մի Ժամ։

— Այո․․․ պարզապես ապշեցուցիչ,— ցրված կրկնեց։— Բայց երդվեցի ոչ մեկին չասել, այնպես որ ձեզ հոգեհան չանեմ։— Նրա շնորհագեղ հորանջը ուղղված էր ուղիղ դեմքիս։— Համեցեք մեր տուն... հեռախոսագրքերում կա մեր համարը... Տիկին Սիգուրնի Հովարդ անվան տակ․․․ մորաքույրս է...― նա արդեն վազում էր դեպի դուռը և անհետանալով խմբի մեջ՝ թափահարեց արևահար ձեռքը։

Ես բավական անհարմար էի զգում, որ իմ առաջին այցելությունը այդքան երկար տևեց, ուստի մոտեցա Գեթսբիին, որի շուրջ խմբվել էին վերջին հյուրերը։ Ուզեցի բացատրություն տալ, որ ամբողջ երեկո իրեն եմ փնտրել՝ ներողություն խնդրելու պարտեզում ճանաչած չլինելուս համար։

— Ի՜նչ եք ասում,— աշխույժ ընդմիջեց նա։— Բան եք գտել խոսելու, բարեկամ։— Մտերմիկ արտահայտությունը նվազ մտերմիկ էր, քան ձեռքը, որ համոզիչ կերպով իջավ ուսիս։— Չմոռանա՜ք, վաղն առավոտյան ժամը իննին զբոսնում ենք ջրաթիռով։

Ապա նրա ուսի ետևից լսվեց ծառայի ձայնը։

— Ֆիլադելֆիայից ձեզ կանչում են հեռախոսի մոտ, պարոն։

— Շատ լավ, մի րոպե։ Ասա՝ հենց հիմա գալիս եմ․․․ Բարի գիշեր։

— Բարի գիշեր։

— Բարի գիշեր,— Ժպտաց նա և հանկարծ ինձ թվաց, թե այդպես էլ պետք էր, որ ե՛ս վերջինը գնայի, ասես ամբողջ Ժամանակ նրա ուզածն այդ էր եղել։— Բարի գիշեր, բարեկամ․․․ Բարի գիշեր։

Աստիճաններով իջնելիս տեսա, որ երեկույթը լրիվ չէր ավարտվել։ Դռնից հիսուն ոտնաչափ հեռու մեքենայի տասնյակ ցոլարձակների լույսն ընկել էր մի արտառոց իրարանցման վրա։ Ճամփեզրին, առվի մեջ, աջ կողքը վեր տնկած, հանգչում էր առանց անիվի երկտեղ մի նոր մեքենա, որը քիչ առաջ էր հեռացել Գեթսբիի տնից։ Անիվի պոկվելու պատճառը պատի սուր ելուստն էր, որը հիմա նշանակալից ուշադրության էր արժանացել մի խումբ հետաքրքրասեր վարորդների կողմից։ Նրանց մեքենաները փակել էին ճանապարհը, իսկ ետևի մեքենաների շչակներն իրենց զիլ, աններդաշնակ սուլոցով էլ ավելի էին ուժեղացնում կատաղի խառնաշփոթությունը։

երկար թիկնոցով մեկը մեքենան թողած կանգնել էր ճամփամիջին և արտառուչ տարակուսանքով նայում էր մեկ մեքենային, մեկ՝ անվադողին, մեկ՝ մարդկանց։

— Տեսա՞ք, ինչպես մտավ առուն, արդարացավ նա։

Փաստը պարզապես ապշեցուցիչ էր նրա համար։ Ես սկզբում զարմանքի անսովոր խորությունը ճանաչեցի, հետո տիրոջը։ Նա Գեթսբիի գրադարանի մենավոր այցելուն էր։

— Այդ ինչպե՞ս պատահեց։

Նա թոթվեց ուսերը։

― Ես մեքենաներից բան չեմ հասկանում,— վճռական հայտարարեց նա։

― Բայց ինչպե՞ս պատահեց։ Պատի՞ն խփվեցիք։

― Մի հարցրեք,— ասաց Բվեճը՝ ձեռքերը լվանալով այդ գործից։— Ես վարել համարյա չգիտեմ։ Պատահեց, էլի, ինչ կարող եմ ասել։

Եթե դուք վարել չգիտեք, ապա ինչո՞ւ եք գիշերով մեքենա քշում։

― Բայց ես չէի էլ փորձում,— փրդովվեց նա։— Ես միտք էլ չունեի։

Կանգնածները սարսափահար լռեցին։

— Դուք ուզում էիք ինքնասպանությո՞ւն գործել։

— Բախտներդ բերել է, որ անիվն է թռել։ Ե՛վ վարել չգիտեք, և՛ չէիք էլ փորձում։

— Չեք հասկանում,— բացատրեց հանցագործը։— Ե՛ս չէի վարում։ Ուրիշ մարդ կա մեքենայում։

Հայտարարությանը հաջորդող խուլ, միաբերան բացականչության տակ երկտեղ մեքենայի դուռը դանդաղ ճռռաց։ Ամբոխը (այժմ այն արդեն ամբոխ էր) ետ քաշվեց, և, երբ դուռը լայն բացվեց, չարագուշակ դադար իջավ։ Ապա ջախջախված մեքենայից աստիճանաբար, մաս առ մաս, գունատ, երերուն մի անհատ ուրվագծվեց և մեծ չափսի պարահանդեսային կոշիկ հագած անհաստատ ոտքով սկսեց շոշափել գետինը։

Ցոլարձակների շլացնող լույսից կուրացած, շչակների անդադրում սուլոցից շշմած, ուրվականը կանգնած տեղում ճոճվեց մի որոշ ժամանակ, մինչև վերջապես նկատեց թիկնոցավորին։

— Ի՞նչ է պատահել,— անխռով հարցրեց նա։— Բենզի՞նը պրծավ։

— Նայի՛ր։

Տասնյակ մատներ ուղղվեցին անդամատված անիվի կողմը։ Նա մի պահ աչքերը չռեց վրան, հետո վեր նայեց, ասես կասկածելով, որ այն երկնքից է ընկել։

— Դուրս է եկել,— բացատրեց մեկը։

Նա գլխով արեց։

— Չէի էլ նկատել, որ կանգնած ենք։

Լռեց։ Ապա խոր շունչ քաշեց, ուղղեց ուսերը և վճռական հարցրեց․

― Չե՞ք ասի, որտեղ է բենզակայանը։

Ի վերջո, տասնյակ տղամարդիկ, ոմանք առավել հաստատուն ձայներով, բացատրեցին, որ անիվն ու մեքենան՝այլևս իրար միացած չեն։

— Ետ քաշեք մեքենան,— քիչ անց առաջարկեց նա։— Ետ քաշեք, հետո առաջ կտաք։

— Անիվը չկա, ինչպես ետ քաշենք։

Նա տատանվեց։

— Փորձը փորձանք չէ։

Շչակների սուլոցը, աղմուկաղաղակը հասել էր գագաթնակետին։ Ես շրջվեցի և սիզամարգի վրայով քայլեցի դեպի տուն։ Ճանապարհին ետ նայեցի։ Լուսնի մի շերտիկ շողում էր Գեթսբիի ապարանքի վրա։ Գիշերն առաջվա պես գեղեցիկ էր նրա լուսավորված պարտեզում, որը կլանել էր երբեմնի ծիծաղն ու ձայները։ Անսպասելի դատարկություն էր հորդում այժմ տան պատուհաններից և լայն դռներից, որի շնորհիվ էլ ավելի մենավոր էր թվում տանտիրոջ կերպարանքը հարթակի վրա, հրաժեշտի շարժումով ձեռքը բարձրացրած։

*  *  *



Վերընթերցելով գրածս, տեսա, թե այն տպավորոլթյունն եմ ստեղծել, որ շաբաթների ընդմիջումով այդ երեք գիշերվա դեպքերը ինձ միակ հուզող բանն էին։ Իրականում դրանք սոսկ պատահարներ էին իրադարձություններով լի ամռանը, և այդ ժամանակ ինձ շատ ավելի քիչ էին զբաղեցնում, քան իմ անձնական գործերը։

Օրվա մեծ մասն անց էի կացնում աշխատանքի վայրում։ Արևը վաղ առավոտյան արևմուտք էր գցում իմ ստվերը, երբ ներքին Նյու Յորքի ճերմակ կիրճերով շտապ-շտապ քայլում էի՝ հասնելու բարեգործական ընկերություն։

Ես անուններով գիտեի այլևայլ պաշտոնյաներին, բաժնետոմս վաճառող երիտասարդներին։ Մենք միասին ճաշում էինք կիսախավար, մարդաշատ ճաշարաններում, ուտում խոզապուխտ, պյուրե, վերջում էլ սուրճ խմում։ Ես նույնիսկ մի կարճ սիրավեպ ունեցա Ջերսի Սիթիից եկած մի աղջկա հետ, որն աշխատում էր մեզ մոտ որպես հաշվետար, բայց նրա եղբայրը սկսեց խեթ-խեթ նայել ինձ, և երբ հուլիսին աղջիկն արձակուրդ վերցրեց, ես, առիթից օգտվելով, վերջակետ դրեցի։

Սովորաբար ճաշում էի Յեյլի ակումբում։ Չգիտեմ ինչու, դա օրվա իմ ամենատհաճ գործն էր, հետո գնում էի վերևի հարկը՝ գրադարան, և մի ամբողջ ժամ բարեխղճորեն ուսումնասիրում ավանդների ու ապահովագրության գործը։ Այցելուների մեջ քիչ չէին աղմկարարները, բայց նրանք երբեք գրադարան չէին մտնում, ուստի այստեղ հարմար էր աշխատելը։ Ապա, եթե մեղմ գիշեր էր լինում, ես ոտքով անցնում էի Մեդիսոն պողոտան, հին Մուրեյ Հիլ հյուրանոցը և, թեքվելով Երեսուներեքերորդ փողոցը, դուրս գալիս Փենսիլվանիա կայարան։

Աստիճահնաբար սիրեցի Նյու Տորքը, նրա գիշերների խելացնոր, զգլխիչ բուրմունքը և այն բավականությունը, որ անհանգիստ աչքը ստանում էր մարդկանց ու մեքենաների անվերջանալի փայլատակումից։ Ինձ դուր էր գալիս դեգերել հինգերորդ պողոտայում, ամբոխից ընտրել ռոմանտիկ կանանց, պատկերացնել, որ մի քանի րոպեից կմտնեմ նրանց կյանքը, և ոչ ոք չի իմանա ու չի մեղադրի ինձ։ Երբեմն մտովի հետևում էի նրանց դեպի խորհրդավոր փողոցների անկյունային հարկաբաժինները և, նախքան դռան ետևի ջերմ մթության մեջ անհետանալը, նրանք շրջվում ու ժպտում էին ինձ։ Երբեմն մայրաքաղաքի դյութիչ մթնշաղը թախիծ էր բերում վրաս․ նույնը նկատում էի նաև ուրիշների՝ երիտասարդ, աղքատ պաշտոնյաների մոտ, որոնք հապաղում էին ցուցափեղկների առաջ, մինչև կգար մենավոր ճաշի ժամը ռեստորանում, երիտասարդ պաշտոնյաներ, որոնք կիսախավարում սպանում էին գիշերվա ու կյանքի ամենադառն ժամերը։

Ժամը ութի կողմերը, երբ Քառասուներորդ փողոցի մութ նրբանցքներում փնչացող մեքենաների շարանները շտապում էին թատրոնների կողմը, սիրտս կրկին ճմլվեց։ Անցումներում սպասող մեքենաների մեջ իրար էին հպվել ստվերներ, երգի պատառիկներ էին ինձ հասնում ներսից, անլսելի կատակներից ծիծաղ էր հորդում, իսկ վառված սիգարեթները ընդգծում էին ուղևորների դժվարըմբռնելի շարժումները։ Եվ պատկերացրի, թե ես նույնպես շտապում եմ ինչ֊որ տեղ, ուր ինձ զվարճություն է սպասում, և կիսելով օտարի բուռն ուրախությունը, նրանց հաջողություն ցանկացա։

Որոշ Ժամանակ Ջորդան Բեյքերը կորավ իմ տեսադաշտից, հետո ամառվա կեսին կրկին գտա նրան։ Սկզբում ինձ շոյված էի զգում նրա ներկայությունից՝ նա գոլֆի չեմպիոն էր, և բոլորը ճանաչում էին նրան։ Հետո դա այլ բնույթ ստացավ։ Իրականում սիրահարված չէի, բայց մի տեսակ քնքուշ հետաքրքրասիրություն էի տածում այդ աղջկա նկատմամբ։ Դեպի աշխարհը շրջած նրա ձանձրույթ արտահայտող ամբարտավան դեմքը ինչ֊որ բան էր թաքցնում (սեթևեթանքների գերակշռող մասն ի վերջո ինչ֊որ բան է քողարկում), և մի օր հայտնաբերեցի այն։ Մի անգամ Վորվիքում հավաքվել էինք մեկի տանը։ Նա ուրիշի մեքենան՝ թափքն իջեցրած, թողեց անձրևի տակ ու մի սուտ փչեց այդ կապակցությամբ։ Ես հանկարծ հիշեցի նրա հետ կապված պատմությունը, որ այն գիշեր Դեյզիի տանը մտքիցս թռել էր։ Առաջին մեծ մրցմանը Ջորդանը գլխացավանքի մեջ ընկավ, որը քիչ մնաց հասներ լրագրերին, ասում էին, թե իբր կիսաեզրափակիչ ռաունդում նա գնդակը անհաջող դիրքից հեռացրել էր։ Քիչ էր մնում անախորժություն ծագեր, սակայն շուտով ամեն ինչ հարթվեց։ Խաղն սպասարկող տղան հրաժարվեց խոսքից, իսկ մյուս վկան ընդունեց, որ կարող էր սխալված լինել։ Միջադեպը անվան հետ մեկտեղ մնացել էր հիշողությանս մեջ։

Ջորդան Բեյքերը բնազդաբար խուսափում էր խելացի, խորաթափանց մարդկանցից, և նոր միայն հասկացա, թե ինչու էր նա իրեն ապահով զգում այնպսի մարդկանց շրջանում, որոնց մտքովն անգամ չէր անցնում որևէ շեղում բարոյականության օրենքներից։ Նա անուղղելիորեն անազնիվ էր։ Ի վիճակի չէր տանել արգելք կամ չկամություն, այդ պատճառով էլ վաղ հասակից սովորել էր զանազան հնարքներ, որպեսզի պահպանի աշխարհին շրջած պաղ, անպատկառ ժպիտը և բավարարի իր առողջ, կայտառ մարմնի պահանջները։

Ես դրան կարևորություն չէի տալիս։ Կնոջ անազնվությունը երբեք խստորեն չես դատապարտում։ Հաճախ վշտանում էի դրա համար, հետո՝ մոռանում։ Այդ նույն օրն էր, երբ մեր միջև հետաքրքիր խոսակցություն տեղի ունեցավ մեքենա վարելու մասին։ Պատճառն այն էր, որ նա խիստ մոտիկից անցավ մի բանվորի կողքով և պոկեց նրա բաճկոնի կոճակը։

― Վատ ես վարում,— բարկացա ես։— Եթե չես կարող զգույշ լինել մի վարիր։

― Ես զգույշ եմ։

― Ո՛չ։

― Ուրիշները զգույշ են,— նետեց նա անհոգ։

― Ի՞նչ կապ ունի դա քեզ հետ։

― Ինձ ճամփա կտան։ Վթարի համար երկու հոգի է պետք։

― Ենթադրենք հանդիպեցիր քեզ նման ան զգույշ մեկին։

― Հուսով եմ, չեմ հանդիպի,— պատասխանեց։— Տանել չեմ կարող անզգույշ մարդկանց։ Ահա թե ինչու ես դու ինձ դուր գալիս։

Նրա մոխրագույն, արևաշող աչքերը հառած էին հեռուն, և նա միտումնավոր տեղաշարժ մտցրեց մեր հարաբերությունների մեջ։ Մի պահ ինձ թվաց, որ սիրում եմ նրան։ Սակայն ես դանդաղամիտ եմ, կապկպված բազմաթիվ ներքին սկզբունքներով, որոնք իմ ցանկությունների համար արգելակների դեր են կատարում, և գիտեի, որ նախ և առաջ պետք էր այդ հանգույցից ելք գտնել տանը։ Շաբաթը մեկ ես նրան նամակ էի գրում՝ «Սիրով Նիք» ստորագրությամբ, մտածելով միմիայն այն աղջկա մասին, որի վերին շրթունքի վրա թենիս խաղալիս քրտինքի բեղիկներ էին գոյանում։ Այնուամենայնիվ, ինչ֊որ անորոշ կապ կար մեր միջև, որը պետք էր նրբորեն քանդել, նախքան ինձ ազատ կզգայի։

Ամեն ոք իրեն վերագրում է առնվազն մի հիմնական առաքինություն։ Ես, օրինակ, ինձ դասում եմ այն նվազագույն ազնիվ մարդկանց շարքը, որոնց երբևէ ճանաչել եմ։


Գլուխ չորրորդ

Կիրակի առավոտյան, երբ առափնյա բնակավայրերում դեռևս ղողանջում էին եկեղեցու զանգերը, ողջ աշխարհը կրկին լցվեց Գեթսբիի տունը իր ուրախությունը սփռելով պարտեզով մեկ։

— Նա մաքսանենգ է,— փսփսում էին տիկնայք, խմելով նրա խմիչքներն ու հոտոտելով նրա ձաղիկները։— Նա սպանել է մի մարդու, որը իմացել է նրա ով լինելը։ Նա ֆոյ Հինդենբուրգի եղբորորդին է, դևի զարմիկը։ Ինձ համար վարդ քաղիր, սիրելիս, մեկ էլ մի քիչ խմիչք լցրու այդ բյուրեղապակյա բաժակի մեջ։

Մի անգամ ես սկսեցի չվացուցակի լուսանցքներում գրի առնել այն մարդկանց անունները, որոնք այդ ամառ այցելում էին նրան։ Հիմա դա հին, ծալքերի մոտ քրքրված ցուցակ է, թվագրված՝ Գրի է առնվում 1922 թվականի հուլիսի 5-ից։ Սակայն խամրած անունները դեռևս ընթեռնելի են և ավելի լավ պատկերացում կտան ձեզ, քան իմ ընդհանրացումներն այն մարդկանց մասին, որոնք ընդունում էին Գեթսբիի հյուրընկալությունը՝ փոխարենը մատուցելով այն աննշան տուրքը, որ նրա մասին բացարձակապես ոչինչ չգիտեին։

Իսթ Էգգից գալիս էին Չեսթեր Բեքերի ընտանիքը, Լիչերը և Բանսեն անունով մեկը, որին համալսարանից գիտեի, ինչպես նաև բժիշկ Վեբսթեր Քիվեթը, որն անցյալ ամառ խեղդվեց Մեյնի նահանգում։ Հորնբիմերն ու Վիլլի Վոլթերը կնոջ հետ, և ողջ Բլեքբեք գերդաստանը, որոնք միշտ հավաքվում էին մի անկյունում և այծի նման քթները պարզում յուրաքանչյուր մոտեցողի։ Գալիս էին նաև Իսմեյներն ու Քրիսթիները (կամ ավել ճիշտ՝ Հյուբերթ Աուերբախը պարոն Քրիսթիի կնոջ հետ), Էդգար Բիվերը, որի մասին ասում են, թե մազերն առանց պատճառի ձյունի պես ճերմակեցին մի ձմեռային օր։

Ինչքան հիշում եմ՝ Քլարենս Էնդայվը նույնպես Իսթ Էգգից էր։ Ես նրան միայն մի անգամ տեսա՝ ճերմակ, մինչև ծնկները հասնող տաբատով, և նա կռիվ սարքեց պարտեզում Էթթի անունով մի պորտաբույծի հետ։ Կղզու հեռավոր ծայրից գալիս էին Չիդլն ու Օ․ Ռ․ Փ․ Շրեդերր, իսկ Ջորջիայից՝ Սթոունվոլ Ջեքսոն Աբրամսը, Փիշգարդը և Ռիփլի Սնելզը, բոլորն էլ իրենց կանանց հետ։ Սնելզը բանտարկվելուց երիք օր առաջ այնտեղ էր և այնքան էր խմել, որ հարբած ընկած էր խճաքարերին, երբ տիկին Յուլիսիս Սվեթի մեքենան անցավ նրա աջ ձեռքի վբայով։ Դանսիների ընտանիքն էլ էր գալիս, ինչպես նաև Ս. Բ. Վայթբեյթը, որն այդ ժամանակ վաթսունն անց էր, Մորիս Ա․ Ֆլինքը, Համերհեդերն ու ծխախոտ ներմուծող Բելուգան՝ դուստրերի հետ։

Վեսթ Էգգից գալիս էին Փոուլները, Մալրեդիները, Սեսիլ Ռոուբաքը, Սեսիլ Շոնը, նահանգի սենատոր Գուլիքը, Նյութոն Օրչիդը, որը Films Par Excelleոce ընկերության պարագլուխն էր․ Էքհոսթն ու Քլայդ Քոհենը, Դոն Ս․ Շվարցեն (որդին), Արթուր ՄըքՔարթին՝ բոլորն էլ ինչ֊որ կերպ առնչություն ունեին կինոյի հետ։ Գալիս էին նաև Քաթլիփերն ու Բեմբերգերը, Ջ․ Էրլ Մալդունը, եղբայրն այն Մալդունի, որը հետագայում խեղդեց կնոջը։ Գործարար Դա Ֆոնթանոն, Էդ Լեգրոսը, Ջեյմզ Բ. (Փտած աղիքը) Ֆերրեթը, Դե Ջոնգերն ու Էռնեսթ Լիլին՝ բոլորն էլ գալիս էին թղթախաղի համար, և երբ Ֆերրեթը մենակ պարտեզ էր իջնում թարմանալու, նշանակում էր՝ տարվել է, և «Երկաթգծի միացյալ ընկերությունը» հաջորդ օրը գները բարձրացնում էր։

Ոմն Քլիփսփրինգեր այնքան հաճախ էր այցելության գալիս և այնքան երկար էր մնում, որ վաստակել էր «կենվոր» մականունը, հավահաբար ուրիշ տուն չուներ։ Թատերական աշխարհից գալիս էին Գաս Վայզը, Հորաս Օ. Դոնավանը, Լեսթեր Մայերը, Ջորջ Դաքվիդն ու Ֆրենսիզ Բուլը, իսկ Նյու Յորքից՝ Քրոմները, Բեքհիսոնները, Դենիքերները, Ռասել Բեթթին, Քորիգանները, Քելեհերները, Դյուերները, Սքալիները, Ս. Վ․ Բելչերը, Սմիրքները, երիտասարդ Քվինները (նրանք այն ժամանակ ամուսնացած էին), Հենրի Լ, Փալմեթոն, որը հետո «Թայմզսքվեր» մետրոյի կայարանում իրեն գնացքի տակ գցեց։

Բեննի ՄըքՔլենահանին միշտ ուղեկցում էին չորս աղջիկներ։ Նրանք երբեք միևնույն անձինք չէին լինում, բայց այնքան նման էին միմյանց, որ թվում էր, թե նրանց՝ արդեն տեսել ես։ Չեմ հիշում նրանց անունները, կարծեմ՝ Ջաքլին կամ Կոնսուելա, կամ Գլորիա, կամ Ջուդի կամ էլ՝ Ջուն, իսկ ազգանունները կամ ծաղիկների, կամ ամիսների մեղեդիկ անուններ էին, կամ էլ, եթե խիստ հետաքրքրություն ցուցաբերեիր, ապա կլսեիր հայտնի ազգանուններ ամերիկացի կապիտալիստների, որոնց զարմուհիներն էին նրանք։

Այս բոլորին ավելացրած Ֆաուսթինա Օ’Բրայընը առնվազն մեկ անգամ պետք է որ այցելած լիներ, ինչպես նաև Բեդեքերի դուստրերն ու երիտասարդ Բրույերը, որի քիթը պատերազմի ժամանակ գնդակից թռել էր, պարոն Ալբրուքսբերգերը և օրիորդ Հաագն ու իր նշանածը, Արդիթա Ֆից Փիթըրզը, պարոն Ֆ, Ջուիթը՝ ամերիկյան լեգեոնի երբեմնի պարագլուխը, և օրիորդ Քլոդիա Լիփը՝ մի մարդու հետ, որը, իշխան լինելով հանդերձ, ծառայում էր նրան որպես վարորդ։ Մենք նրան դուքս էինք կոչում, իսկ անունը, եթե նույնիսկ երբևէ գիտեի էլ, մոռացել եմ։

Ահա այս բոլոր մարդիկ այդ ամռանը լինում էին Գեթսբիի տանը։


*  *  *



Մի օր հուլիսի վերջերին, առավոտյան ժամը իննին, Գեթսբիի շքեղ լիմուզինը, մագլցելով քարքարոտ ճանապարհը, մոտեցավ դռանս և հնչեցրեց եռաձայն շչակը։ Սա նրա առաջին այցելությունն էր, չնայած երկու անգամ մասնակցել էի նրա երեկույթներին, զբոսնել նրա ջրաթիռով, և նրա համառ հրավերն երին հնազանդ՝ օգտվել նրա լողափից։

— Բարի լույս, բարեկամ։ Այսօր միասին ենք ճաշում, դրա համար էլ եկել եմ, որ քեզ տանեմ։

Ոտնակին կանգնած, նա իրեն հավասարակշռում էր ամերիկացիներին բնորոշ հնարամիտ շարժումով․ կարելի է ենթադրել, որ դա գալիս է երիտասարդ Ժամանակ ֆիզիկական աշխատանքի և կամ անշարժ նստելու բացակաչությունից, կամ էլ ավելին, մեր ջղաձիգ սպորտային խաղերի անորոշ շնորհագեղությունից։ Այս ամենը Գեթսբիի մոտ հանդես էր գալիս անհանգստության ձևով, որը շարունակաբար խախտում էր նրա զուսպ վարվելակերպը։ Ոչ մի րոպե նա դադար չուներ, կամ ոտքն էր թփթփացնում գետնին, կամ էլ անհամբերությամբ ձեռքն էր բացուխուփ անում։

Նա տեսավ, թե ինչպիսի հիացմունքով եմ դիտում մեքենան։

— Լավն է, չէ՞, բարեկամ։— Եվ ցած թռավ, որպեսզի չխանգարի ինձ։— Տեսած չկայի՞ր։

Տեսել էի։ Բոլորն էլ տեսել էին։ Պսպղուն նիկելով մեքենան թանձր սերուցքի դուչն ուներ, հրեշային մեծության մարմին, որի վրա այս ու այնտեղ դուրս էին պրծել տռուզ, ինքնագոհ տուփեր՝ գլխարկներ, ընթրիք և գործիքներ պահելու համար, իսկ վահանակների լաբիրինթոսում տասնյակ արևներ էին արտացոլվում։ Ներսն ասես կանաչ կաշեպատ ջերմոց լիներ, ուր նետեցինք մենք մի քանի շերտ ապակու ետև և սլացանք դեպի քաղաք։

Անցյալ ամիս ես նրա հետ մի քանի անգամ էլ խոսած չկայի և, ցավոք սրտի, համոզվել էի, որ խոսելու քիչ բան ուներ։ Այսպիսով, առաջին տպավորությունը, որ նա թողել էր ինձ վրա որպես արտասովոր մարդ, աստիճանաբար ջնջվեց, և նա պարզապես դարձավ հարևան շքեղ պանդոկի տերը։

Հետո՝ այդ անհեթեթ ուղևորությունը։ Մենք դեռ չէինք հասել Վեսթ Էգգ, երբ Գեթսբին իր վերամբարձ ոճով արտասանած խոսքերն անավարտ թողած՝ սկսեց անվճռական հարվածել կարամելի գույնի տաբատի ծնկներին։

— Լսիր, բարեկամ։ Ի՞նչ կարծիքի ես իմ մասին։

Փոքր֊ինչ հանկարծակիի եկած, հարցին արժանի խուսափողական պատասխաններ տվեցի։

— Դե, ես քեզ իմ կյանքից որոշ բան պատմեմ,— ընդհատեց նա։

— Չեմ ուզում քո լսած այդ բոլոր պատմություններից իմ մասին սխալ կարծիք կազմես։

Նշանակում է, նա տեղյակ էր այն արտառոց մեղադրանքներին, որ խոսակցության համն ու հոտն էին իր հյուրասենյակներում։

— Ես քեզ սուրբ ճշմարտություն եմ ասում։— Նրա աջ ձեռքը հանկարծ բարձրացավ, ասես պատրաստ լիներ աստծու պատիժը կրելու։― Ես ծնվել եմ Միջին Արևմուտքում, հարուստ ընտանիքում։ Մեծացել եմ Ամերիկայում, բայց, ըստ ընտանեկան ավանդույթի, ուսանել Օքսֆորդում։ Մեր ընտանիքի մի քանի սերունդներ սովորել են Օքսֆորդում։

Նա շեղակի նայեց ինձ, և ես հասկացա, թե ինչու էր Ջորդան Բեյքերը կասկածի ենթարկել այդ փաստը։ Նա հապշտապ անցավ «սովորել են Օքսֆորդում» բառերի վրայով, քիչ մնաց կուլ տար կամ ձայնը խզվեր այդ խոսքի վրա, կարծես փորձից գիտեր, որ այն իրեն միշտ էլ նեղություն է պատճառել։ Այս տարակուսանքն էր պատճառը, որ նրա ասածը կորցրեց իր հավաստի ուժը, և ես մտածեցիք թե նա կյանքում իրոք մի սոսկալի գաղտնիք ունի։

— Ո՞ր քաղաքից ես,— իմիջիայլոց հետաքրքրվեցի։

— Սան Ֆրանցիսկոյից։

— Հըմ։

— Իմ բոլոր հարազատները մեռել են, և ինձ շատ մեծ հարստություն է բաժին ընկել։

Նրա ձայնը հանդիսավոր էր, ասես իր գերդաստանի հանկարծակի բնաջնջման խորհրդածությունը դեռևս հետապնդում էր նրան։ Մի պահ կասկածեցի, որ ինձ ձեռ է առնում, սակայն հայացք ձգելով նրա վրա, հրաժարվեցի այդ մտքից։

— Դրանից հետո ես երիտասարդ ռաջայի կյանք էի վարում Եվրոպայի մայրաքաղաքներում՝ Փարիզ, Վենետիկ, Հռոմ։ Գոհարեղենի հավաքածու էի կազմում, գլխավորապես սուտակի, խոշոր գազանների որսի գնում, նկարչությամբ զբաղվում հենց այնպես, ինձ համար, և փորձում մոռանալ անցած-գնացած մի տխուր պատմություն։

Ես ճիգ դործադրեցի զսպելու թերահավատ ծիծաղս։ Նրա ծեծված խոսքերը ստեղծեցին Բուլոնյան անտառում վագր հետ ապնդող փաթթոցավոր տիկնիկի կերպարը, որի ամեն մի ճեղքից թեփ էր շաղ գալիս։

— Հետո սկսվեց պատերազմը, բարեկամ։ Դա մեծ սփոփանք էր ինձ համար։ Ես շատ անգամ փորձեցի մեռնել, բայց ասես կախարդված լինեի․ մահն ինձ մոտ չէր գալիս։ Եվ որպես ավագ լեյտենանտ մեկնեցի ճակատ։ Արգոնի անտառում գնդացրային երկու ջոտկատով այնքան հեռու գնացինք, որ մեր աջ ու ձախ կողմերում բացվեց կես մղոնի չափ տարածության, ուր հետևակը չէր կարող մտնել։ Այսպես մնացինք այնտեղ երկու օր ու գիշեր, հարյուր երեսուն մարդ տասնվեց գնդացրով, երբ վերջապես մերոնք վրա հասան, սպանվածների կույտի մեջ զանազանեցին գերմանական երեք տարբեր ստորաբաժանումների նշանները։ Ինձ մայորի կոչում տվեցին, և յուրաքանչյուր դաշնակից պետություն պարգևատրեց շքանշանով, նույնիսկ փոքրիկ Մոնթենեգրոն՝ Ադրիատիկ ծովի ափին, ինձ չմոռացավ։

Փոքրիկ Մոնթենեգրոն։ Կարծես նա այդ բառերը առանձնացնելով վեր հանեց ու ժպտալով ողջունեց դրանք։ Ժպիտը վկայակոչում էր Մոնթենեգրոյի խռովահույզ պատմությունը և կարեկցում ժողովրդի խիզախ պայքարին։ Այն լիովին գնահատում էր քաղաքական պայմանների շղթան, որի օղակներից մեկն էր Մոնթենեգրոյի ջերմ սրտիկից բխած այդ պարգևը։ Իմ անվստահությունը տարրալուծվեց հիացմունքի մեջ, ասես ես հապշտապ տասնյակ ամսագրեր թերթեցի։

Գեթսբին ձեռքը տարավ գրպանը, և ափիս մեջ ընկավ ժապավենի ծայրին ամրացված մետաղի մի կտոր։

— Ահա այն, Մոնթենեգրոյի շքանշանը։

Ի զարմանս իմ, նշանը իրական տեսք ուներ՝ «Orderi de Daոilo, Moոteոegro, ոicolas Rex» շրջանաձև փորագրությամբ։

— Շրջի՜ր։

— «Մայոր Ջեյ Գեթսբիին,— կարդացի։— Անվեհեր խիզախության համար»։

— Ահա և մեկ ուրիշ բան, որ միշտ մոտս է։ Հիշատակ օքսֆորդյան օրերից։ Նկարվել ենք Թրինիթի քոլեջի բակում, ձախ կողմինս Դոնքասթերի կոմսն է։

Մարզական բաճկոններով մի խումբ երիտասարդներ անկաշկանդ կանգնած էին կամարի տակ, որի ետևից տեսանելի էին մի շարք աշտարակների ձողերը։ Ես անմիշապես ճանաչեցի Գեթսբիին՝ ձեռքին քրիքեթի ծեծան․ նա փոքր-ինչ ավելի երիտասարդ տեսք ուներ։

Ուրեմն այդ բոլորը ճիշտ էր։ Ես պատկերացրի վագրի հրակեզ մորթիները Մեծ Ջրանցքի վերայի իր պալատում, պատկերացրի նրան սուտակների թանկարժեք տուփը բանալիս, որպեսզի նրանց բոսորագույն խայտանքով մեղմի կոտրված սրտի մղկտոցը։

— Ես այսօր պատրաստվում եմ դիմել քեզ մի մեծ խնդրանքով,— գոհունակությամբ գրպանը դնելով հուշանվերները՝ ասաց նա։— Դրա համար էլ մտածեցի մի որոշ բան պատմել իմ մասին։ Չեմ ուզում ինձ պատահական մարդու տեղ գնես։ Հասկանում ես, ինձ միշտ անծանոթ մարդկանցով եմ շրջապատում, տեղից տեղ գնում, փորձելով մոռանալ այն տխուր պատմությունը, որի մասին քիչ առաջ հիշատակեցի։— Նա վարանեց։— Այսօր կիմանաս։

― Նախաճաշի՞ն։

― Ոչ, ավելի ուշ։ Ես պատահմամբ իմացա, որ դու օրիորդ Բեյքերին թեյի ես հրավիրել։

― Ուզում ես ասել սիրահարվա՞ծ ես նրան։

― Ո՜չ, ի՜նչ ես ասում, բարեկամ։ Սակայն նա բարի գտնվեց և համաձայնեց խոսել քեզ հետ այդ գործի մասին։

Ես գաղափար անգամ չունեի, թե ինչ «գործ» էր դա, բայց ավելի շուտ բարկացա, քան հետաքրքրվեցի։ Ես Ջորդանին թեյի չէի հրավիրել, որպեսզի խոսեի պարոն Ջեյ Գեթսբիի մասին։ Համոզված էի, որ նրա խնդրանքը բացարձակ հիմարություն էր լինելու, և մի պահ ափսոսացի նրա հյուրընկալ տունը ոտք դնելուս համար։

Նա այլևս չխոսեց։ Որքան մոտենում էինք քաղաքին, այնքան ավելի ինքնամփոփ ու զուսպ էր դառնում նա։ Անցանք Ռուզվելթ նավահանգիստը, թռուցիկ տեսանք օվկիանոսային կարմրագոտի նավերը, հիացանք գլաքարով սալարկված խղճուկ արվարձանով, ուր կողք կողքի շարված էին դեռևս մարդաշատ գարեջրատները՝ իննհարյուրական թվականների ոսկետառ խամրած ցուցանակներով։ Հետո երկու կողմերում բացվեց խարամի մարգագետինը, որտեղ տիկին Վիլսոնը պոմպը ձեռքին եռանդուն աշխատում էր։

Մեքենայի թևատարած անվածածկոցների լույսի տակ մենք անցանք Ասթորիայի կեսը, բայց միայն կեսը, որովհետև երբ սողոսկեցինք վերգետնյա ճանապարհի բարձր սյուների արանքը, ես լսեցի մոտոցիկլետի ծանոթ դխկդխկոցը, և մի կատաղած ոստիկան հասավ մեզ։

— Դե, լա՜վ, ոչինչ, բարեկամ,— գոռաց Գեթսբին։ Մենք դանդաղեցրինք։ Մի սպիտակ թուղթ հանելով դրամապանակից, նա թափահարեց այն ոստիկանի աչքի առաջ։

— Ամեն ինչ կարգին է, — ձեռքը տանելով գլխարկին, ասաց ոստիկանը։— Հաջորդ անդամ ձեր մեքենան կճանաչեմ, պարոն Գեթսբի։ Ներեցեք։

— Այդ ի՞նչ էր,― հարցրեցի ես,— Օքսֆորդի լուսանկա՞րը։

— Մի անգամ ոստիկանության պետին լավություն եմ արել, և ամեն Ծննդյան տոնի առթիվ նա ինձ շնորհավորական բացիկ է ուղարկում։

Ահա և մեծ կամուրջը, ուր ձողերի արանքից ընկնող արևալույսը թրթռում է շարժվող մ եքենաների վրա, իսկ գետից այն կողմ, սպիտակ շաքարաբեկորներով վեր է խոյանում ինչ֊որ մեկի ցանկությամբ կառուցված քաղաքը, որի համար տրամադրված փողն ամենևին չի զգացվում։ Երբ Քվինսբորո կամրջից ես դիտում քաղաքը, ասես առաջին անգամ ես տեսնում, և այն իր խելացնոր համարձակությամբ քեզ խոստանում է աշխարհի ողջ խորհրդավորությունն ու գեղեցկությունը։

Մեր կողքով անցավ ծաղիկներով բեռնված մի դիակառք, որի ետևԻց գալիս էին վարագույրներն իջեցրած երկու կառք և մի քանի այլ, պակաս մռայլ տեսքով կառքեր՝ ընկերների համար։ Վերջիններս նայեցին մեզ իրենց ողբերգական աչքերով ու Եվրոպայի հարավարևելքցուն հատուկ կարճ վերին շուրթերով, և ես ուրախացա, որ Գեթսբիի հիասքանչ մեքենան խառնվեց նրանց կիրակնօրյա տխուր երթին։ Բլեքվել կղզում մեր կողքով անցավ մի լիմուզին, որի վարորդը սպիտակամորթ էր, իսկ ետևում նստած էին նորաձև հագնված երեք սևամորթ՝ երկու տղամարդ ու մի աղջիկ։ Ես բարձրաձայն ծիծաղեցի, երբ նրանք աչքի սպիտակուցները գոռոզ ախոյանի հայացքով սևեռեցին մեզ վրա։

«Հիմա, երբ մենք անցանք կամուրջը, ինչ ասես կարող է պատահել,— մտածեցի ես։— Ի՜նչ ասես․․․ Նույնիսկ Գեթսբին ոչ ոքի չի զարմացնի»։


*  *  *



Աշխույժ եռուզեռ էր։ Մենք պայմանավորվել էինք հանդիպել Քառասուներկուերորդ փողոցի օդասուն ներքնահարկում։ Դրսի պայծառությունից աչքերս կկոցած, ես վերջապես զանազանեցի Գեթսբիին նախասրահում ինչ֊որ մեկի հետ զրուցելիս։

—— Պարոն Քարավեյ, սա իմ ընկերն է՝ պարոն Վուլֆշայմը։

Մի փոքրամարմին տափակաքիթ հրեա բարձրացրեց խոշոր գլուխը, և նրա քթանցքների ճոխ բուսականությունը ողջունեց ինձ։ Քիչ անց կիսախավարում հայտնագործեցի նրա պստիկ աչքերը։

— ... Ես միայն մի անգամ նայեցի նրան,— ասաց պարոն Վուլֆշայմը, ուժեղ սեղմելով ձեռքս,— և ի՞նչ եք կարծում, ինչ արեցի։

— Ի՞նչ,— քաղաքավարությամբ հետաքրքրվեցի։

Սակայն, ըստ երևույթին հարցն ինձ չէր տրված, որովհետև ձեռքս թողնելուն պես, նա իր արտահայտիչ քիթն ուղղեց Գեթսբիի կողմը։

— Ես փողը Քեթսփոյին տվեցի ու ասացի․ «Լսիր, Քեթսփո, մինչև բերանը չփակի, մի գրոշ անգամ չտաս»։ Եվ նա անմիջապես փակեց բերանը։

Գեթսբին մեր երկուսի թևը մտած՝ առաջնորդեց մեզ ռեստորանի դահլիճը, ուր պարոն Վուլֆշայմը կուլ տվեց նոր սկսելիք նախադասությունը և ընկավ գիշերաշրջիկի ինքնամոռացության մեջ։

— Վիսկի՞,— հարցրեց ավագ մատուցողը։

― Ի՜նչ հաճելի տեղ է,— ասաց պարոն Վուլֆշայմը, աչքի անցկացնելով առաստաղի երիցական հավերժահարսերը։ Սակայն դիմացի ռեստորանն ինձ ավելի է դուր գալիս։

― Վիսկի,— գլխով արեց Գեթսբին, ապա դարձավ դեպի պարոն Վուլֆշայմը։— Այնտեղ շատ շոգ է։

— Համաձայն եմ։ Շոգ է ու նեղվածք, այո՜, բայց լի հուշերով։

— Այդ ի՞նչ ռեստորան է։

— Հին Մետրոպոլը։

— Հին Մետրոպոլ,— թախծոտ մտմտած պարոն Վուլֆշայմը։Անցած֊գնացած դեմքեր, մեռած ընկերներ, որոնք այլևս հարություն չեն առնի։ Մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա այն գիշերը, երբ կրակեցին Ռոզի Ռոզենթալի վրա։ Վեց հոգի էինք սեղանի շուրջը, իսկ Ռոզին այդ գիշեր բոլորից շատ էր ուտում ու խմում։ Արդեն լուսանում էր, երբ մատուցողը տարօրինակ հայացքով մոտեցավ ու ասաց, որ դրսում մարդ է սպասում նրան։ «Գալիս եմ»։ Ռոզին ուզում է ոտքի ելնել, բայց ես չեմ թողնում։ «Լսիր, Ռոզի, եթե ուզում են քեզ տեսնել, թող սրիկաներն այստեղ գան։ Ինձ լսիր, ոչ մի դեպքում տեղիցդ չշարժվես»։ Առավոտյան ժամը չորսն էր։ Եթե վարագույրները բարձրացնեին, սենյակը կլուսավորվեր։

— Եվ ի՞նչ, նա գնաց,— միամիտ հարց տվի։

— Իհարկե, գնաց,— պարոն Վուլֆշայմի քիթը ցասումով շաչեց։— Դռան մոտ շրջվեց ու ասաց․ «Մի թող, որ մատուցողը տանի սուրճս»։ Մայթի վրա երեք անգամ կրակեցին փորին ու քշեցին գնացին։

— Չորսին էլ էլեկտրական աթոռին նստեցրին,— մտաբերեցի ես։

— Հինգին՝ Բեքերի հետ միասին։— Նրա ռունգները հետաքրքրասիրությունից ձևափոխվեցին։— Ինչպես հասկացա, դուք «գործընգեր» եք փնտրում։

Նման անցումը անակնկալ էր ինձ համար։ Գեթսբին պատասխանեց իմ փոխարեն։

— Ո՛չ, ո՛չ,— բացականչեց կա։— Սա այն մարդը չէ։

— Չէ՞,— պարոն Վուլֆշայմը ասես հիասթափություն ապրեց։

— Սա պարզապես ընկերս է։ Ես ձեզ ասացի, որ ուրիշ անգամ կխոսենք այդ մասին։

— Ներեցեք,— ասաց պարոն Վուլֆշայմը,— ես ձեզ ուրիշի տեղ դրեցի։

Մատուցեցին հյութեղ ճաշ, մսով ու բանջարեղենով, և պարոն Վուլֆշայմը, մոռանալով Հին Մետրոպոլի հուզիչ մթնոլորտը, գործի անցավ վայրագ հաճույքով։ Ուտելիս նրա աչքերը աղեղնաձև պտտվում էին դահլիճով մեկ, և շրջանն ավարտելու համար նա դարձավ զննելու ետևում նստածներին։ Ըստ երևույթին, եթե ես ներկա չլինեի, նա մի թռուցիկ հայացք կձգեր սեղանի տակ ևս։

— Լսի՛ր, բարեկամ,— Գեթսբին առաջ թեքվելով դիմեց ինձ։— Վախենամ առավոտյան մեքենայի մեջ քեզ մի քիչ բարկացրի։

Կրկին այդ հմայիչ ժպիտը, բայց այս անգամ չհանձնվեցի։

— Չեմ սիրում հանելուկներ,— պատասխանեցի,— և չեմ հասկանում, ինչու անկեղծ չես ասում, թե ուզածդ ինչ է։ Ի՞նչ կարիք կար գործին խառնել օրիորդ Բեյքերին։

— Դե, ոչ մի հանելուկ էլ չկա,— հավատացրեց նա։— Օրիորդ Բեյքերը հայտնի դեմք է և երբեք վատ բան չի անի։

Հետո հանկարծ նայեց ժամացույցին, վեր թռավ ու շտապ սենյակից դուրս նետվեց՝ թողնելով ինձ պարոն Վուլֆշայմի հետ։

— Նա պետք է զանգահարի,— աչքերով նրան ուղեկցելով ասաց պարոն Վուլֆշայմը։— Չտեսնված մարդ է, գեղեցիկ և ոտքից գլուխ կատարյալ։

— Այո։

— «Օգսֆորդն է» ավարտել։

— Հը՜մ։

— Նա «Օգսֆորդի» համալսարանում է սովորել Անգլիայում։ Գիտեք, չէ՞, «Օգսֆորդի» համալսարանը։

— Լսել եմ։

— Աշխարհի ամենահայտնի համալսարաններից է։

— Վաղո՞ւց եք ճանաչում Գեթսբիին։

— Մի քանի տարի կլինի,— հպարտ պատասխանեց։— Նրա հետ ծանոթանալու պատիվն ունեցա պատերազմից անմիջապես հետո։ Մի Ժամ զրուցեցինք, և հասկացա, որ հիանալի դաստիարակված մարդ է։ «Ա՜յ, լավ կլիներ այսպիսի երիտասարդին տուն հրավիրել ու ծանոթացնել մորդ ու քրոջդ»,— մտածեցի ես։ Նա լռեց։— Դուք երևի իմ թևքաճարմանդներն եք դիտում։

Մտքովս անգամ չէր անցել դրանց ուշադրություն դարձնել, բայց այդ խոսքի վրա անմիջապես նայեցի։ Ճարմանդները պատրաստված էին փղոսկրի անկանոն կտորներից, որոնց ձևը չափազանց ծանոթ էր։

― Մարդկային սեղանատամների հիանալի նմուշներ են,— տեղեկացրեց նա։

― Իրոք,— զննեցի ես մոտիկից։— Հետաքրքիր միտք է։

— Ըհը՛,— նա թևքերը վեր քաշեց։— Գեթսբին շատ փափկանկատ է կանանց հանդեպ։ Երբեք ընկերոջ կնոջը հարկ եղածից ավելի չի նայի։

Երբ այս բնազդային վստահության առարկան վերադարձավ ու նստեց, պարոն Վուլֆշայմը մի ումպով խմեց սուրճը և ոտքի ելավ։

— Շնորհակալություն նախաճաշի համար։ Իսկ հիմա գնամ, որպեսզի չշահագործեմ երիտասարդների հյուրընկալությունը։

— Ինչո՞ւ եք շտապում, Մեյեր,— թույլ ասաց Գեթսբին։

Պարոն Վուլֆշայմը ձեռքը բարձրացրեց, ասես օրհնելիս լիներ։

— Դուք շատ սիրալիր եք, բայց ես այլ սերնդի եմ պատկանում,— հանդիսավոր ազդարարեց նա։— Դուք ձեր խոսակցություններն ունեք՝ ձեր զբաղմունքների, կանանց ու...— նրա ձեռքի մի այլ շարժումը փոխարինեց երևակայական գոյականին։— Ինչ վերաբերում է ինձ, ես հիսուն տարեկան եմ և չեմ ուզում այլևս նեղություն պատճառել ձեզ իմ ներկայությամբ։

Երբ մենք ձեռք թոթվեցինք, և նա շրջվեց գնալու, նրա ողբերգական քիթը թեթևակի դողում էր։ Ես մտածեցի, թե արդյոք որևէ անզգույշ խոսքով չե՞մ վիրավորել նրան։

— Երբեմն նա չափազանց զգայուն է դառնում,— բացատրեց Գեթսբին։— Բայց ընդհանուր առմամբ հայտնի դեմք է Նյու Յորքում, մերոնցից է Բրոդվեյում։

— Բայց ո՞վ է նա, դերասա՞ն։

― Ոչ,

— Ատամնաբո՞ւյժ։

— Մեյեր Վուլֆշա՞յմը։ Ոչ, նա խաղամոլ է։— Գեթսբին մի պահ կանգ առավ, ապա սառնասրտորեն շարունակեց։— Նա այն մարդն է, որ 1919 թվականի բեյսբոլի մրցումների գլխին խաղ խաղաց։

— Խա՞ղ խաղաց բեյսբոլի մրցումների գլխին,— կրկնեցի ես ապշահար։

Ես իհարկե հիշում էի 1919 թվականի բեյսբոլի մրցումները, բայց եթե երբևէ մտածել էի այդ մասին, ապա ընդունել էի դա որպես սոսկ անցած֊գնացած մի դեպք՝ իր անխուսափելի վախճանով։ Երբեք մտքովս չէր անցել, որ մի մարդ կարող էր հիսուն միլիոն մարդկանց բախտի հետ խաղալ սեյֆ բաց անող ավազակի նպատակասլացությամբ։

— Այդ ինչպե՞ս է կարողացել նման բան անել։

— Առիթից օգտվել կարողացավ, ահա թե, ինչ։

— Իսկ ինչո՞ւ բանտում չէ։

— Չկացողացան ապացույցն եր գտնել, բարեկամ։ Նա ճարպիկ մարդ է։

Ես ինքս ցանկացա հաշիվը փակել։ Երբ մատուցողը մանրն էր վերադարձնում, հանկարծ լեփ-լեցուն դահլիճի մյուս ծայրին նկատեցի Թոմ Բյուքենենին։

— Արի գնանք,— ասացի։— Ես պետք է ծանոթներիցս մեկին բարևեմ։

Տեսնելով մեզ, Թոմը ոտքի ցատկեց ու մեծ֊մեծ քայլերով ընդառաջ եկավ։

— Այդ ո՞ւր ես կորել,— բացականչեց նա։— Դեյզին սարսափելի կատաղած է, որ անգամ չես զանգահարում։

— Ծանոթացեք, պարոն Գեթսբի — պարոն Բյուքենեն։

Նրանք չոր ձեռք թոթվեցին, և հանկարծ Գեթսբիի դեմքը ձգվեց շփոթմունքից։

— Ինչևէ, ի՞նչ կա֊չկա,— հարցուփորձեց Թոմը։— Այդ ինչպե՞ս ես հայտնվել այստեղ։

— Ես նախաճաշում էի պարոն Գեթսբիի հետ։

Ես շրջվեցի դեպի Գեթսբին, բայց նա անհետացել էր։


*  *  *



— Մի անգամ, 1917 թվականի հոկտեմբերին․․․— մի քանի ժամ անց «Փլացա» հյուրանոցի պարտեզում ուղիղ թիկնակով աթոռի վրա ձիգ նստած, սկսեց իր պատմությունը Ջորդան Բեյքերը,― ․․․ ես քայլում էի Լուիսվիլի փողոցներով, մերթ մայթ էի բարձրանում, մերթ անցնում սիզամարգի վրա։ Ես ավելի հաճույքով քայլում էի խոտի վրայով, որովհետև հագել էի Անգլիայից բերած ռետինե ներբաններով կոշիկներ, որ խրվում էին փափուկ գետնին։ Իսկ իմ նոր վանդակավոր փեշը քամուց ուռչում էր և ամեն անգամ, երբ բարձրանում էր, տների ճակատի կարմիր, ճերմակ, կապույտ դրոշակները ձգվում էին ու անխրախուսաբար ծպպացնում։

Դրոշներից ամենամեծն ու սիզամարգերից ամենալայնը պատկանում էր Դեյզի Ֆեյի տանը։ Նա այդ ժամանակ տասնութ տարեկան էր, երկու տարով մեծ ինձանից, և ոչ մի աղջիկ Լուիսվիլում նրա պես հաջողություն չուներ։ Նա միշտ սպիտակ զգեստ էր հագնում և ուներ փոքրիկ երկտեղ սպիտակ մեքենա։ Ամբողջ օրը հեռախոսը զնգում էր նրա տանը, և Թեյլոր ճամբարի երիտասարդ սպաները հուզված համառում էին երեկոյան «գեթ մեկ ժամ» նրա հետ անցկացնելու մենաշնորհն ունենալու համար։

Երբ այդ առավոտ ես անցնում էի նրա տան մոտով, տեսա մայթեզրին կանգնած սպիտակ մեքենան, ուր նստած էր Դեյզին՝ ինձ անծանոթ լեյտենանտի հետ։ Նրանք այնքան էին տարված միմյանցով, որ Դեյզին ինձ նկատեց լոկ այն ժամանակ, երբ ես արդեն հինգ ոտնաչափ հեռավորության վրա էի։

— Հե՜յ, Ջորդան,— անսպասելիորեն ձայնեց նա։— Խնդրում եմ, մոտ արի։

Ես ինձ շոյված զգացի, որ պետք եմ եկել նրան․ իմ բոլոր ավագ ընկերուհներից Դեյզին ինձ համար ամեն ահրապուրիչն էր։ Նա հարցրեց, թե արդյոք ես Կարմիր Խա՞չ եմ գնում վիրակապ պատրաստելու։ Ասացի՝ այո։ Դե, լավ, ուրեմն, հաղորդիր նրանց, որ այսօր գալ չեմ կարող։ Դեյզին խոսում էր, իսկ երիտասարդ սպան նայում էր նրան այնպիսի հայացքով, ինչպիսին յուրաքանչյուր աղջիկ կցանկանա, որ իրեն երբևէ նայեն, և քանի որ այդ բոլորն ինձ վրա ռոմանտիկ տպավորություն թողեց, ես մինչև օրս չեմ մոռացել այդ դեպքը։ Սպայի անունր Ջեյ Գեթսբի էր, և դրանից հետո ես չորս տարի չտեսա նրան, նույնիսկ ավելի ուշ, երբ հանդիպեցինք Լոնգ Այլընդում, մտքովս անգամ չանցավ, որ դա հենց նույն մարդն է։

Դա 1917-ին էր։ Հաջորդ տարին ես ինքս երկրպագուներ ունեցա, սկսեցի մասնակցել մրցումներին, այնպես որ Դեյզիին քիչ էի տեսնում։ Նա իրենից տարիքով մեծերի հետ էր հանդիպում, եթե, իհարկե, հանդիպում էր։ Սարսափելի լուրեր էին շրջում նրա մասին, թե ինչպես մայրը ձմռան մի օր բռնել էր նրան ճամպրուկը դասավորելիս, որպեսզի գնա Նյու Յորք՝ ճանապարհ դնելու մի զինվորի, որը մեկնում էր օվկիանոսից այն կողմ։ Նրան անմիջապես կանխել էին, և դրանից հետո նա մի քանի շաբաթ տանը ոչ մեկի հետ չէր խոսել։ Նա այլևս զինվորականների հետ չէր սիրաբանում, այլ միայն քաղաքի հարթաթաթ ու կարճատես երիտասարդների հետ, որոնց բանակ չէին տարել։

Աշնանը նա առաջվա պես կրկին ուրախ-զվարթ էր։ Զինադադարից անմիջապես հետո տվեց իր առաջին պարահանդեսը, իսկ փետրվարին նշանվեց նորօռլեանցի մի երիտասարդի հետ։ Հունիսին ամուսնացավ Չիկագոյից եկած Թոմ Բյուքենենի հետ․ Լուիսվիլում մինչ այդ նման շուք ու փայլով հարսանիք չէր եղել։ Թոմը հարյուր մարդ բերեց հետը, չորս վագոն լիքը, և վարձեց «Մյուլբախ» հյուրանոցի մի ամբողջ հարկը, իսկ հարսանիքի նախօրեին երեք հարյուր հիսուն հազար դոլարի արժողությամբ մարգարտյա մանյակ նվիրեց կնոջը։

Ես հարսնաքույր էի։ Հարսանեկան ճաշից կես ժամ առաջ մտա նրա սենյակը և տեսա նրան պառկած անկողնու վրա, իր ծաղկազարդ զգեստի մեջ նա հունիսյան գիշերվա պես սիրուն էր, սակայն հարբած՝ կառապանի պես։ Մի ձեռքին բռնել էր սոտերնի շիշը, իսկ, մյուսին՝ նամակ։

— Շն․․․ շնորհավորիր ինձ,— մրթմրթաց նա։— Կյանքումս առաջին անգամ խմել եմ և լավ եմ արել։

— Ի՞նչ է պատահել, Դեյզի։

Ճիշտն ասած վախեցա։ Երբեք որևէ աղջկա այդ վիճակում չէի տեսել։

— Ահա, նայիր։— Նա ձեռքը մտցրեց աղբացանցի մեջ, որ դրված էր կողքին, անկողնու վրա, և դուրս հանեց մարգարտյա մանյակը։

— Տար ն․․․ ներքև և տուր, ում որ պետքն է։ Ա․․․ սա, որ Դեյզին փոխել է միտքը, այդպես էլ ասա՝ «Դեյզին փ... փոխել է միտքը»։

Եվ սկսեց լաց լինել, արտասվում էր ու արտասվում։ Ես դուրս նետվեցի սենյակից, գտա մոր սպասուհուն։ Հետո մենք դուռը կողպեցինք ու քարշ տվեցինք Դեյզիին սառը ջրի տակ։ Նա ձեռքից բաց չէր թողնում նամակը. հետը տարավ լողասենյակ, ձեռքի մեջ ճզմած թաց գունդ սարքեց, և միայն այն Ժամանակ թույլ տվեց դնեմ օճառամանի մեջ, երբ տեսավ, որ այն փխրվում է ձյան պես։

Եվ այլևս ոչ մի խոսք չասաց։ Մենք նրա քթին անուշադրի լուծույթ մոտեցրինք, ճակատին սառույց դրեցինք, հագցրեցինք զգեստը, և կես ժամ անց, երբ սենյակից ելանք, մանյակը նրա վզին էր, միջադեպն ավարտված էր։ Հաջորդ օրը ժամը հինգին նա առանց տատանվելու ամուսնացավ Թոմ Բյուքենենի հետ և երեք ամսով մեկնեց հարսանեկան ճամփորդության դեպի հարավային ծովերը։

Ես հանդիպեցի նրանց Սանտա Բարբարայում, երբ արդեն վերադառնում էին, և նույնիսկ զարմացա, տեսնելով, որ նրա խելքը գնում է ամուսնու համար։ Եթե Թոմը մի րոպեով բացակայում էր սենյակից, Դեյզին անհանգիստ շուրջն էր նայում ու հարցնում․ «Թոմն ո՞ւր գնաց», և մինչև նրա հայտնվելը տեղը չէր գտնում։ Ժամերով նստում էր ավազին, ամուսնու գլուխը ծնկներին դրած, մատներով շոյում քունքերը և զմայլված դիտում։ Կհուզվեիր նրանց միասին տեսնելով, ծիծաղդ կգար՝ լուռ հիացական ծիծաղ։ Ես նրանց հանդիպեցի օգոստոսին։ Իսկ իմ մեկնումից մի շարաթ անց Թոմը Վենտուրայի ճանապարհին գիշերով խփվեց ավտոֆուրգոնի, և նրա մեքենայի առջևի անիվը դուրս թռավ։ Թերթերում գրեցին նաև այն աղջկա մասին, որ նրա հետ էր նույն մեքենայի մեջ, որովհետև աղջկա թևը կոտրվել էր։ Նա Սանտա Բարբարայի հյուրանոցի սպասուհին էր։

Հաջորդ ապրիլին Դեյզին աղջիկ ունեցավ, և նրանք մի տարով մեկնեցին Ֆրանսիա։ Ես նրանց մեկ֊մեկ տեսնում էի, մի անգամ գարնանը հանդիպեցի Կաննում, մի անգամ էլ Դովիլում, իսկ հետո վերադարձան տուն ու հաստատվեցի ն Չիկագոյում։ Ինչպես գիտես, Դեյզիին Չիկագոյում բոլորը ճանաչում էին․ նրանց շուրջը վխտում էր թեթևաբարո մարդկանց մի խումբ՝ բոլորն էլ հարուստ, բոլորն էլ երիտասարդ ու շփացած, բայց Դեյզին կարողանում էր իր անարատ հեղինակությունը պահպանել, գուցե այն պատճառով, որ չէր խմում։ Մեծ առավելություն է խմող մարդկանց շրջանում չխմելը։ Կարող ես լեզուդ քեզ քաշել, ավելին, կարող ես սեփական անկարգությունդ այնպես թաքցնել, որ մարդիկ ոչինչ չտեսնեն ու չզգան։ Հավանաբար Դեյզին երբեք սիրեկան չէր պահում, բայց նրա ձայնի մեջ ինչ֊որ բան կա...

Եվ ահա, մոտ վեց շաբաթ առաջ, առաջին անգամ այդ տարիների ընթացքում, նա լսեց Գեթսբիի անունը։ Հիշո՞ւմ ես այն օրը, երբ հետաքրքրվեցի, թե արդյոք Վեսթ Էգգում Գեթսբի անունով մեկին ճանաչում ես։ Քո գնալուց հետո նա եկավ սենյակս, արթնացրեց ինձ ու հարցրեց՝ «Ի՞նչ Գեթսբի»։ Քունը գլխիս նկարագրեցի նրան, և նա տարօրինակ, անբնական ձայնով ասաց, որ դա հենց նույն մարդն է, որի հետ մի Ժամանակ մտերիմ է եղել։ Եվ նոր միայն գլխի ընկա, որ այդ Գեթսբին նրա սպիտակ մեքենայում նստած լեյտենանտն էր։


*  *  *



Երբ Ջորդան Բեյքերը ավարտեց պատմությունը, մենք արդեն դուրս էինք եկել «Փլացայից» և երկտեղ բաց մեքենայով սլանում էինք Կենտրոնական զբոսայգու միջով։ Արևը մայր էր մտել քաղաքի արևմտյան մասի հիսուներորդ փողոցում՝ կինոաստղերի բարձրահարկ հարկաբաժինների ետև, և հեղձուցիչ մթնշաղում, խոտի վրա ծղրիդների նման խռնված, աղջնակները զրնգուն երգում էին.

Շեյխն եմ ես Արաբիայի,
Եվ իմն է սերդ նաբաթի։
Գիշերը, երբ մտնես դու քուն,
Կգամ վրանդ ես թաքուն։

— Տարօրինակ զուգադիպություն,— ասացի ես։

— Բայց դա զուգադիպություն չէ։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Գեթսբին միտումով է գնել այդ տունը, որովհետև գիտեր, որ Դեյզին ապրում է ծովածոցի այն կողմում։

Ուրեմն սոսկ աստղերը չէին, որոնց նա տենչացել էր այն հունիսյան գիշեր։ Գեթսբին հանկարծ կենդանություն առավ իմ աչքի առաջ՝ դուրս սպրդած իր աննպատակ շքեղության պատյանից։

— Նա ուզում է իմանալ,— շարունակեց Ջորդանը,— թե, արդյոք, մի օր կհրավիրե՞ս Դեյզիին քեզ մոտ և իրեն էլ կկանչե՞ս։

Խնդրանքի համեստությունը ցնցեց ինձ։ Նա սպասել էր հինգ տարի, գնել առանձնատուն, որի շլացուցիչ փայլին թոչում էին պատահական մժեղները, և այդ ամենը նրա համար, որպեսզի իրեն «հրավիրեին» մի ինչ֊որ անծանոթի տուն։

— Մի՞թե նման փոքր խնդրանքի համար արժեր ինձ այդ բոլորը պատմել։

— Վախենում է, որովհետև շատ երկար է սպասել։ Կարծում էր, կվիրավորվես․ հասկանում ես, նա ըստ էության վայրենի է։

Ինչ-որ բան ինձ դուր չեկավ։

— Իսկ ինչո՞ւ քեզ չխնդրեց կազմակերպել այդ հանդիպումը։

— Նա ուզում է, որ Ղեյզին տեսնի իր տունը,— բացատրեց Ջորդանը։― Իսկ դու հարևան ես։

— Ա՜ա։

— Ինձ թվում է, նա հույս է ունեցել, որ մի գեղեցիկ օր Դեյզին կգա իր երեկույթներից մեկին,— շարունակեց Ջորդանը,— Բայց Դեյզին այդպես էլ չեկավ։ Հետո սկսեց իմիջիայլոց հարցուփորձ անել մարդկանց, թե արդյոք նրան ճանաչում են, և ես առաջինն էի։ Այդ գիշեր նա ինձ պարի հրավիրեց, և դու պետք է լսեիր, թե ինչպիսի հմտությամբ անցավ բուն նյութին։ Ես, իհարկե, անմիջապես առաջարկեցի նախաճաշ կազմակերպել Նյու Յորքում, ինձ թվաց՝ հիմա խելքը կթոցներ։ «Ես որևէ անթույլատրելի բան չեմ ուզում,— շարունակ կրկնում էր նա։— Ես ուզում եմ նրան տեսնել հարևանի տանը»։

— Եվ երբ ասացի, որ դուք Թոմի հետ հին ծանոթներ եք, քիչ մնաց հրաժարվեր այդ մտքից։ Նա Թոմին չի ճանաչում և տարիներ շարունակ աչքի է անցկացրել Չիկագոյի լրագրերը՝ Դեյզիի մասին որևէ տեղեկություն իմանալու նպատակով։

Արդեն գիշեր էր, երբ մենք սուզվեցինք կամրջակի մթության մեջ։ Ես գրկեցի Ջորդանի արևափայլ ուսերը, թեթևակի սեղմեցի ու ճաշի հրավիրեցի։ Ես այլևս չէի մտածում ո՛չ Գեթսբիի, ո՛չ էլ Դեյզիի մասին, ինձ միայն հետաքրքրում էր այս անխռով, վճռական, համաշխարհային թերահավատություն քարոզող սահմանափակ անձը, որն անփույթ հենվել էր թևիս։ Առանձնահատուկ բուռն կրքով մի միտք էր հնչում իմ ականջներում՝ «Քեզ կամ հետապնդում են, կամ դու ես հետապնդում, կամ շարունակ զբաղված ես, կամ էլ հոգնած»։

— Իսկ Դեյզին կյանքում որևէ բան պետք է ունենա,— մրմնջաց Ջորդանը։

— Ուզո՞ւմ է Գեթսբիին տեսնել։

— Նա ոչինչ չգիտի։ Գեթսբին չի ուզում, որ Դեյզին իմանա այդ մասին։ Դու պետք է հենց այնպես հրավիրես նրան թեյի։

Մենք անցանք խավար ծառապատնեշի կողքով և, զբոսայգին անցնելուն պես մեղմ, գունատ լույսի մեջ ցոլաց հիսունիններորդ փողոցի ճակատամասը։ Ի տարբերություն Գեթսբիի և Թոմ Բյուքենենի, ես չունեի ընտրյալ աղջիկ, որի անմարմին դեմքը սավառներ մութ քիվերի և շլացուցիչ ազգերի վրա, այնպես որ պինդ գրկեցի կողքինիս։ Նրա գունատ, արհամարհական բերանը ժպտաց, ու ես կրկին սեղմեցի նրան, այս անգամ հպվելով դեմքին։

Գլուխ հինգերորդ

Երբ այդ գիշեր ես վերադարձա Վեսթ Էգգ, մի պահ վախեցա, թե տունս հրդեհ է ընկել։ Ժամը երկուսն էր, և թերակղզու ամբողջ ծայրը շողշողում էր վառ լույսի մեջ, որի անբնական փայլը ընկել էր թփուտների գլխին, իսկ ճամփեզրի լարերի վրա բարակ, երկարավուն ստվերներ էին բեկբեկում։ Սակայն անկյունը շրջվելով, տեսա՝ Գեթսբիի տունը, լուսաթաթախ՝ աշտարակից մինչև մառանը։

Սկզբում մտածեցի, որ հերթական երեկույթ է, կամ վայրի խրախճանք, և հյուրերը ամբողջ տնով մեկ «տափկնոցի» կամ «սարդինները աուփի մեջ» են խաղում։ Բայց ծպտուն անգամ չէր լսվում։ Միայն քամին էր սվսվում ծառերի մեջ ու թռցնելով լարերը՝ մերթ հանգցնում էր լույսերը, մերթ վառում, ասես տունը աչքով էր անում մթությանը։ Երբ իմ տաքսին փնչացնելով հեռացավ, ես տեսա Գեթսբիին՝ սիզամարգի վրայով առաջանալիս դեպի ինձ։

— Տունդ համաշխարհային տոնավաճառ է հիշեցնում,— ասացի։

― Իրո՞ք,— նա ցրված շրջվեց դեպի տունը։— Սենյակներս էի աչքի անցկացնում։ Եկ իմ մեքենայով գնանք Քոնի Այլընդ, բարեկամ։

― Ուշ է։

― Դե, գուցե լողանանք ավազանում։ Այս ամառ ոչ մի անգամ ջուրը չեմ մտել։

― Ես պետք է գնամ քնելու։

― Ինչպես ուզում ես։

Զսպված հետաքրքրությամբ նայելով ինձ՝ նա սպասում էր։

― Ես խոսեցի օրիորդ Բեյքերի հետ,— վերջապես ասացի ես։— Վաղը կզանգեմ Դեյզիին ու թեյի կհրավիրեմ։

― Հիանալի է,— անփույթ նետեց նա։— Ես չեմ ուզում քեզ նեղություն պատճառել։

― Ո՞ր օրն է քեզ հարմար։

― Որ օրը որ քեզ է հարմար,— շտապ ուղղեց նա ինձ։— Ես չէի ուզենա քեզ նեղություն պատճառել։

― Ի՞նչ կասես վաղը չէ մյուս օրվա մասին։

Նա մի վայրկյան մտածեց, ապա չկամությամբ ասաց․

― Ես ուզում եմ խոտը հնձել։

Մենք երկուսով նայեցինք այնտեղ, ուր պարզորոշ գծագրվում էր իմ անխնամ սիզամարգի եզրագիծը, որից այն կողմ նրա վառ կանաչ, լավ խնամված հողամասն էր։ Ինձ թվաց՝ նա իմ խոտը նկատի ուներ։

― Մեկ ուրիշ բան էլ կա․․․— անվճռական կմկմաց նա։

― Գուցե հետաձգենք մի քանի օր,— հարցրեցի։

― Չէ, ես այդ չեմ ուզում ասել։ Միգուցե․.․․— նա մտովի փորձում էր մի շարք հարմար բառեր ընտրել։— Դե, ես կարծում եմ․․․ Դե, ինձ լսիր, բարեկամ, դու շատ փող չես աշխատում, չէ՞։

― Ոչ շատ։

Պատասխանս կարծես համարձակություն տվեց նրան, և առավել վստահ շարունակեց․

― Այդպես էլ գիտեի։ Կներես, իհարկե, բայց հասկանում ես, ես այստեղ մի փոքր գործ եմ ձեռնարկել, մի տեսակ կողմնակի գործ, հասկանում ես։ Եվ ահա մտածեցի, որ եթե շատ փող չես աշխատում․.․ դու արժեթղթեր ես վաճառում, չէ՞, բարեկամ։

― Փորձում եմ։

― Ուրեմն քեզ կհետաքրքրի։ Քեզնից շատ ժամանակ չի խլի և լավ փող կաշխատես։ Փոքր֊ինչ գաղտնի բնույթի գործ է։

Ես հիմա հասկանում եմ, որ այլ հանգամանքներում այդ խոսակցությունը կարող էր կյանքիս ընթացքը փոխել։ Բայց, քանի որ առաջարկը բացահայտ և անպատշաճ կերպով ուղղված էր ինձ ծառայություն մատուցելուն՝ որպես շնորհակալություն, ես այլ ընտրություն չունեի, քան նրան մերժելը։

― Շատ զբաղված եմ,— ասացի — Զգացված եմ, բայց կողմնակի աշխատանք վերցնել չեմ կարող։

― Դու Վուլֆշայմի հետ գործ չես ունենա։— Ըստ երևույթին նա մտածեց, թե ինձ խրտնեցնում են «գործընգերները», որոնց մասին հիշատակվեց նախաճաշին, բայց ես հավատացրի նրան, որ սխալվում է։ Նա քիչ էլ սպասեց, հույս ունենավով, որ խոսակցություն բաց կանեմ, բայց ես խիստ մտազբաղ էի, այնպես որ նա դժկամությամբ տուն գնաց։

Գլուխս պտտվում էր Նյու Յորքում անցկացրած երեկոյից հետո, կարծեմ տուն մտնելուն պես անմիջապես քուն մտա։ Այդպես էլ չիմացա, թե արդյոք Գեթսբին գնա՞ց Քոնի Այլընդ և կամ մինչև լույս «սենյակներն աչքի անցկացրե՞ց», մինչ նրա տունը շարունակում էր շողշողալ ճաճանչների մեջ։ Հաջորդ առավոտ գրասենյակից զանգահարեցի Դեյզիին և հրավիրեցի թեյի։

― Թոմի հետ չգաս,— զգուշացրի։

― Ի՞նչ։

― Թոմի հետ չգաս։

― Թո՞մն ո՜վ է,— միամիտ հարցրեց։

Պայմանավորված օրը տեղատարափ անձրև էր գալիս։ Ժամը տասնմեկին անձրևանոց հագած մի մարդ, քարշ տալով հնձիչ մեքենան, բախեց իմ դուռը և ասաց, որ պարոն Գեթսբին է ուղարկել խոտ հնձելու։ Ես անմիջապես հիշեցի, որ չէի նախազգուշացրել իմ ֆինն սպասուհուն հյուրերի մասին։ Ստիպված մեքենա նստեցի և գնացի Վեսթ էգգ՝ նրան գտնելու համար անցնելով սպիտակեցրած խոնավ տների միջով, ի դեպ, ճանապարհին գնեցի մի քանի թեյի բաժակ, լիմոն ու ծաղիկ։

Ծաղիկներն անտեղի էին, քանի որ ժամը երկուսին Գեթսբին անթիվանհամար ծաղկամաններ ուղարկեց, մի ամբողշ ջերմոց։ Մի ժամ անց դուռը հապշտապ բացվեց, և Գեթսբին՝ սպիտակ կոստյումով, արծաթավուն վերնաշապիկով և ոսկեգույն փողկապով ներս ընկավ։ Նա գունատ էր, աչքերի տակ անքնությունից սև շրջանակներ էին գոյացել։

― Ամեն ինչ կարգի՞ն է,— իսկույն հարցուփորձեց նա։

― Եթե խոտը նկատի ունես, ապա հիանալի ստացվեց։

― Ի՞նչ խոտ,— անտարբեր հարցրեց։— Ա՜ա, բակի խոտը։— Ու դուրս նայեց պատուհանից, բայց դատելով նրա դեմքի արտահայտությունից, հազիվ թե որևէ բան տեսավ։

― Իրոք լավ է ստացվել,— ցրված նկատեց։― Մի ինչ֊որ թերթում կարդացի, որ ժամը չորսին անձրևը կկտրվի։ Կարծեմ «Ջըրնալում» էր գրված։ Ամեն ինչ պատրա՞ստ է, դե, ինչպես ասեմ, ամեն ինչ պատրա՞ստ է թեյի համար։

Ես նրան տարա խոհանոց, ուր նա փոքր-ինչ նախատինքով խեթեց ֆինն սպասուհուն։ Հետո միասին զննեցինք լիմոնի տասնյակ թխվածքները, որ գնել էի հրուշակավաճառից։

― Ի՞նչ կարծիքի ես,— հարցրեցի։

― Հիանալի է, հիանալի,— ապա ավելացրեց անտեղի,— բարեկամ։

Ժամը երեքն անց կեսին անձրևը վերածվեց խոնավ մառախուղի, որի մեջ ցողի հատուկենտ նվազ կաթիլներ էին լող տալիս։ Գեթսբին անմիտ աչքերով թերթում էր Քլեյի «Էկոնոմիկան», վեր թռչելով սպասուհու ֆիննական քայլքից, որը ցնցում էր խոհանոցի հատակը, և ժամանակ առ ժամանակ հայացքն ուղղում պղտոր պատուհանների ուղղությամբ, կարծես դրսում անտեսանելի ու տագնապալի դեպքեր էին միմյանց հաջորդում։ Նա հանկարծ ոտքի ելավ ու անվստահ ձայնով հայտարարեց, որ գնում է տուն։

― Ի՞նչ պատահեց․

― Եկող չկա։ Ուշ է։— Նայեց ժամացույցին, ասես ինչ֊որ տեղ անհետաձգելի գործեր իրեն էին սպասում։— Ես չեմ կարող ամբողջ օրն սպասել։

― Հիմարություն մի արա։ Չորսից երկու րոպե է պակաս։

Նա խղճալի տեսքով նստեց, կարծես հրել էի, և ճիշտ այդ պահին լսվեց մոտեցող մեքենայի ձայնը։ Երկուսս էլ վեր թռանք, իսկ ես, թեթևակի հուզված, շտապեցի դուրս։

Մերկ, կաթկթացող եղրևանիների կողքից առաջանում էր մի մեծ բաց մեքենա։ Այն շուտով կանգ առավ։ Դեյզիի խանդավառ ժպիտից փայլատակող դեմքն ինձ նայեց թեք դրած նարդոսագույն գլխարկի տալկից։

― Ահա թե դու որտեղ ես ապրում, հոգյակս։

Նրա ձայնի զվարթ կարկաչը սթափեցնող միջոց էր անձրևի տակ։ Սկզբում միմիայն լսողությամբ հետևեցի նրա ելևէջին, ապա որսացի բառերը։ Մազի խոնավ մի փունջ կապույտ վրձնահարվածի նման կպած էր այտին, իսկ ձեռքը, որը բռնեցի օգնելու մեքենայից իջնելիս, պսպղուն անձրևակաթիլներով էր պատած։

― Ինչ է, սիրահարվե՞լ ես ինձ,— շշնջաց ականջիս։— Ինչո՞ւ էիր ուզում, որ մենակ գամ։

― Դա Ռեքրենթ ամրոցի գաղտնիքն է։ Վարորդիդ ուղարկիր, թող գնա մի քիչ զբոսնի։

― Ֆերդի, գնա, մի ժամից կգաս։— Հետո լուրջ շշնջաց,— նրա անունը Ֆերդի է։

― Բենզինն ազդո՞ւմ է քթին։

― Չէ, երևի,— միամիտ ասաց։— Ինչո՞ւ։

Մենք ներս մտանք։ Ի բացարձակ զարմանս իմ, հյուրասենյակը դատարկ էր։

― Այ քեզ բա՜ն,— գոչեցի ես։

― Ի՞նչ է պատահել։

Նա ետ նայեց, որովհետև դուռը թեթևակի, արժանապատվությամբ բախեցին։ Ես գնացի բացելու։ Գեթսբին, մահվան պես գունատ, ձեռքերը ծանրությունների նման խցկած բաճկոնի գրպանները, կանգնած էր ջրափոսի մեջ ու ողբերգական հայացքով նայում էր աչքերիս։

Ձեռքերը չհանելով գրպաններից, նա քայլեց իմ ետևից դեպի նախասրահ, կտրուկ շրջվեց, ասես լարախաղաց լիներ, ու անհետացավ հյուրասենյակում։ Սրտիս բախոցին ունկնդիր, ես փակեցփ փողոցի դուռը ուժեղացող անձրևի դեմ։

Կես րոպե լռություն տիրեց։ Ապա հյուրասենյակից լսվեց խեղդուկ մի մրմունջ, ծիծաղի պատառիկ, որին հաջորդեց Դեյզիի ձայնի արհեստական զիլ հնչյունը։

― Շատ ուրախ եմ քեզ նորից տեսնելու համար։

Կրկին դադար, որը չափազանց երկար տևեց։ Նախասրահում անելիք չունեի, ուստի մտա սենյակ։ Գեթսբին՝ ձեռքերը դեռևս գրպաններում պահած՝ հենվել էր բուխարուն՝ բացարձակապես հանգիստ կամ նույնիսկ ձանձրացած մարդու կերպարանք ընդունած։ Գլուխն այնքան էր ետ գցել, որ դիպչում էր բուխարու կանգնած ժամացույցին, և այս դիրքով խելահեղ աչքերով նայում էր Դեյզիին, որը երկչոտ, բայց շնորհագեղ նստած էր բարձր աթոռի եզրին։

― Մենք հին ծանոթներ ենք,— մրթմրթաց Գեթսբին։ Նա մի ակնթարթ նայեց ինձ, և նրա շրթունքներր փորձեցին շինծու ժպիտ գոյացնել։

Բարեբախտաբար ժամացույցը նրա գլխի ճնշումից սպառնագին տեղահան եղավ, որի վրա Գեթսբին շրջվեց ու, բռնելով ղողղոջուն մատներով, ուղղեց։ Ապա ձգված նստեց բազմոցին, արմունկը հենեց կողափայտին, ծնոտը ձեռքի մեջ առավ։

― Ներիր, քիչ մնաց ժամացույցը գցեի։

Դեմքս շիկնել, արևադարձային փայլ էր ստացել։ Գլխումս հազար ու մի տափակաբանություն էր պտտվում, բայց մեկն անգամ չէի կարողանում արտաբերել։

― Հին ժամացույց է,— հիմարաբար ասացի։

Բոլորս մի պահ հավատացինք, որ այն ընկած է հատակին՝ ջարդ ու փշուր եղած։

― Մենք վաղուց իրար չենք տեսել,— ասաց Դեյզին սովորականի պես իմիջիայլոց։

― Նոյեմբերին՝ հինգ տարի կլինի։

Գեթսբիի պատասխանի մեքենայական բնույթը առնվազն ևս մեկ րոպեռվ ետ գցեց խոսակցությունը։ Ես հուսահատ առաջարկեցի գնալ խոհանոց թեյ պատրաստելու, Բայց չարաբաստիկ ֆիննը սկուտեղը ձեռքին ներս մտավ։

Բաժակների ու թխվածքների փրկարար իրարանցումը որոշակի նյութական աշխուժություն մտցրեց։ Գեթսբին, ասես ստվեր դարձած, կուչ էր եկել մի անկյունում և ուշադիր, տխուր աչքերով մեզ էր հետևում, մինչ ես ու Դեյզին հանգիստ զրուցում էինք։ Եվ քանի որ խաղաղությունը ինքնին վերջնանպատակը չէր, ես ներողություն խնդրեցի առաջին իսկ պատեհ առիթով և ոտքի ելա։

― Ո՞ւր ես գնում,— անմիջապես տագնապեց Գեթսբին։

― Հիմա կգամ։

― Սպասի՞ր, ես քեզ հետ խոսելիք ունեմ։

Նա արագ մտավ իմ ետևից խոհանոց, փակեց դուռը ու խղճալի ձայնով շշնջաց. «Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ»։

― Ի՞նչ է պատահել։

― Այս ի՜նչ սխալ գործեցի,— սկսեց տարուբերել գլուխը,— սարսափելի, սարսափելի սխալ։

― Դու շփոթված ես, ահա թե ինչ,— բարեբախտաբար ավելացրի,— Դեյզին էլ է շփոթված։

― Շփոթվա՞ծ,— թերահավատորեն հարցրեց նա։

― Քեզնից ոչ պակաս։

― Այդպես բարձր մի խոսիր։

― Կարծես փոքր տղա լինես,— չհամբերեցի ես։— Այն էլ կոպիտ տղա։ Դեյզիին մենակ թողել֊եկել ես։

Նա բարձրացրեց գլուխը՝ վերջ տալու իմ խոսքերին, նայեց ինձ մի այնպիսի նախատինքով, որը ես երկար չէի կարողանում մոռանալ, ապա զգույշ բացեց դուռը և մտավ հյուրասենյակ։

Ես դուրս եկա ետնամուտքից, ճիշտ այնպես, ինչպես Գեթսբին էր կես Ժամ առաջ դուրս եկել և անհանգիստ պտույտներ գործել տան, շուրջը, և վազեցի դեպի մեծ, սև հանգուցավոր ծառը, որի խիտ սաղարթը կպահպաներ ինձ թրջվելուց։ Անձրևը կրկին սաստկացել էր և իմ անհարթ սիզամարգը որ մինչ այդ կարգի էր բերել Գեթսբիի պարտիզպանը, այժմ վերածվել էր մանր ճահիճների ու նախապատմական ճահճուտների։ Ծառի տակից դիտելու արժանի ոչինչ չկար, բացի Գեթսբիի հսկայական տնից, և ես կես ժամ աչքերս հառած նայում էի դրան, ինչպես Կանտը՝ եկեղեցու զանգակատանը։ Մի գարեջրագործ էր կառուցել այն, տասնյակ տարիներ առաջ, երբ մարդիկ տարված էին «ոճավոր» ճարտարապետությամբ, և պատմում էին, թե ինչպես էր հարևաններին առաջարկել վճարել նրանց հինգ տարվա հարկերը միայն նրա համար, որ համաձայնեին հարդով ծածկել իրենց տանիքները։ Գուցե նրանց մերժումը կոտրել էր տոհմական օջախ հիմնելու նրա ոգին, որովհետև նա շուտով վշտահար էր եղել. երբ նրա երեխաները ծախեցին տունը, դռան վրա դեռևս սև պսակ էր կախված։ Ամերիկացիները հեշտությամբ են հաշտվում ճորտ լինելու գաղափարին, բայց համառությամբ չեն ուզում ընդունել իրենց գյուղական ծագումը։

Կես ժամ անց արևը կրկին շողաց, և նպարավաճառի մեքենան, պտույտ գործելով, կանգ առավ Գեթսբիի տան առաջ՝ ուտելիք բերելով ծառաների համար։ Ես համոզված էի, որ տերը մի պատառ անգամ բերանը չէր դնելու։ Սպասուհին սկսեց բանալ վերնահարկի պատուհանները, հայտնվելով յուրաքանչյուրի մեջ և կախվելով կենտրոնական մեծ պաաուհանից, մտազբաղ թքեց դեպի պարտեզ։ Ետ գնալու ժամանակն էր։ Մինչ անձրևում էր, թվում էր, թե լսում եմ նրանց բուռն հուզմունքի վերածված շշուկները հյուրասենյակում՝ մերթ ցածր, մերթ բարձր։ Բայց այժմ, անձրևի դադարելու հետ մեկտեղ, ասես լռություն իջավ տան մեջ։

Ներս մտնելիս հնարավորին չափ աղմուկ բարձրացրի խոհանոցում, միայն վառարանը տեղահան չարեցի, բայց նրանք հաստատ ոչինչ չլսեցին։ Բազմոցի երկու ծայրերին նստած նայում էին միմյանց, կարծես ինչ֊որ հարց էին տվել և կամ տալու, նախկին շփոթմունքի հետքն անգամ չէր մնացել։ Դեյզիի աչքերն արցունքաշաղ էին, և ինձ տեսնելուն պես ոտքի ցատկեց ու սկսեց թաշկինակով մաքրել դեմքը հայելու առաջ։ Գեթսբիի մեջ կատարված փոփոխությունը պարզապես ապշեցուցիչ էր։ Նա տառացիորեն փայլում էր, վերածվել էր մի նոր անհատի, որն անխոս, իր հորդ ցնծությամբ ողողել էր փոքրիկ սենյակս։

― Այդ դո՞ւ ես, բարեկամ,— ուրախացավ նա, կարծես տարիներ չէինք հանդիպել։ Մի պահ ինձ թվաց, թե ուր որ է ձեռքս կթոթվի։

― Անձրևը դադարել է։

― Իսկապե՞ս,— երբ հասկացավ, թե ինչի մասին է խոսքը, երբ տեսավ, որ սենյակում արևի ցոլքեր են խայտում, ժպտաց, ինչպես կժպտար եղանակի տեսաբանը և կամ լույսի հավերժ ջատագովը ու անմիջապես հաղորդեց լուրը Դեյզիին։

― Ի՞նչ կասես սրան, անձրևը դադարել է։

― Ես շատ ուրախ եմ, Ջեյ։— Նրա ցավատանջ, վշտահար ելևէջող ձայնը հնչեց անսպասելիորեն ուրախ։

― Ես ուզում եմ ձեզ տեսնել ինձ մոտ,— ասաց նա։— Ես կուզենայի Դեյզիին ցույց տալ իմ տունը։

― Դու իրո՞ք ուզում ես, որ ես էլ գամ,— հարցրեցի։

― Իհարկե, բարեկամ։

Դեյզին վերև գնաց լվացվելու (ես շատ ուշացումով հիշեցի, որ սրբիչներս չեմ փոխել), իսկ մենք դուրս եկանք այգի։

― Այստեղից տունս սիրուն է, չէ՞։ Տես, արևն ինչպես է շողում ճակատամասի վրա։

Ես գլխով արեցի։

— Հըմ․.․― նրա աչքերը սահեցին տան յուրաքանչյուր կամարապատ դռան, յուրաքանչյուր քառակուսի աշտարակի վրայով։— Երեք տարի եմ աշխատել, որպեսզի ձեռք գցեմ այն։

― Իսկ ես կարծում էի ժառանգություն ես ստացել։

― Իհարկե, բարեկամ,— մեքենայաբար հաստատեց նա,— բայց փողի մեծ մասը կորցրեցի տագնապի Ժամանակ, պատերազմի մեծ տագնապի մեջ։

Ըստ երևույթին նա հազիվ էր հասկանում իմ ասածը, որովհետև երբ հարցրեցի, թե ինչով է զբաղված, պատասխանեց. «Դա իմ գործն է», և անմիջապես գլխի ընկավ, որ հարմար պատասխան չէր տվել։

― Զանազան գործեր եմ արել,— ուղղեց նա։— Սկզբում դեղի գործ էի անում, հետո՝ նավթի։ Բայց հիմա ոչ մեկն էլ չեմ անում։— Նա ինձ ավելի ուշադիր նայեց։— Ուզում ես ասել, որ միտքդ փոխե՞լ ես անցյալ օրվա առաջարկությանս մասին։

Ես չհասցրեցի բերանս բանալ, երբ Դեյզին դուրս եկավ՝ արևի տակ փայլեցնելով հագուստի կոճակների երկշարքը։

― Մի՞թե այդ հսկայական տունը քոնն է,— մատնացույց անելով՝ գոչեց նա։

― Հավանո՞ւմ ես։

― Այո, բայց չեմ հասկանում, թե ինչպես ես մեն-մենակ ապրում այնտեղ։

― Ինձ մոտ միշտ մարդ է լինում, գիշեր֊ցերեկ։ Հետաքրքիր մարդիկ։ Հռչակավոր մարդիկ։

Փոխանակ Սաունդի առափնյա կարճ ճամփով գնալու, իջանք մայրուղի ու մտանք կենտրոնական մուտքից։ Հիացական բացականչություներով Դեյզին զմայլվում էր տան ֆեոդալական ուրվագծով, որը տարբեր կողմերից տարբեր տեսք էր ընդունում երկնքի ֆոնի վրա, պարտեզի բուսականությամբ, նարգիզների բուրմունքով, ծաղկուն ալոճենու և սալորենու անուշ հոտով, ցախկեռասի հույլ ոսկեբույրով։ Տարօրինակ էր, որ մարմարյա աստիճանների վրա չէին խշխշում ներս ու դուրս անող խայտաբղետ զգեստները, և ոչ մի այլ հնչյուն լսելի չէր, բացի թռչունների ճղվողյունից։

Իսկ ներսում, երբ մենք թափառում էինք Մարի Անթուանեթի և Ռեստավրացիայի շրջանի ոճի երաժշտասենյակներում ու դահլիճներում, ինձ թվաց, յուրաքանչյուր բազմոցի ու սեղանի տակ թաքնված հյուրեր կային, որոնք հրաման էին ստացել շունչները պահել մինչև մեր անցնելը։ Երբ Գեթսբին «Մերթոն Քոլեջ Գրադարանի» դուռը ծածկեց, ես պատրաստ էի երդվելու, որ լսեցի Բվեճի դիվային ծիծաղը։

Մենք վերև գնացինք, անցանք «ոճավոր» ննջարանների միջով, ուր թարմ ծաղիկները բազմերանգին էին տալիս վարդագույն և բաց մանիշակագույն մետաքսյա հարդարանքի մեջ, դիտեցինք զարդասենյակները, ավազանասենյակները, հատակում տեղադրված տաշտակներով լոգարանները և սենյակներից մեկում դեմ առ դեմ ելանք գիշերանոցը հագին գզգզված մազերով մի մարդու, որը հատակի վրա լյարդի համար բուժիչ վարժություններ էր առնում։ Դա պարոն Քլիփսփրինգերն էր՝ կենվորը։ Ես առավոտյան տեսել էի նրան լողափում սովահար թափառելիս։ Ի վերջո մտանք Գեթսբիի հարկաբաժինը՝ բաղկացած ննջարանից, լողարանից և Ռոբերթ Ադամ ոճի առանձնասենյակից, ուր մի բաժակ շարտրոզ խմեցինք, որը նա հանեց պատի պահարանից։

Գեթսբին հայացքը չէր կտրում Դեյզիից, և, կարծում եմ, վերագնահատեց իր տան յուրաքանչյուր իրը ըստ սիրեցյալի աչքերի արտահայտության։ Երբեմն ինքն էր վերացած նայում շուրջը՝ իր ունեցվածքին, ասես Դեյզիի իրական և ցնցող ներկայությունից բոլոր իրերը դադարել էին իրական լինելուց։ Մի անգամ սայթաքեց և քիչ մնաց ընկներ աստիճաններից։

Նրա ննջարանը բոլոր սենյակներից ամենապարզն էր, չհաշված զարդասեղանի փայլատ, մաքուր ոսկուց պատրաստված հարդարանքի պարագաները։ Դեյզին հրճվանքով վերցրեց խոզանակը, հարթեցրեց մազերը, իսկ Գեթսբին նստեց, ձեռքով աչքերը հովանի արեց ու ծիծաղեց։

― Տարօրինակ է, բարեկամ,— զվարթ ասաց նա։— Որքան էլ ուզում եմ... որքան էլ փորձում եմ։

Ըստ երևույթին, նա երկու իրավիճակ էր անցել և այժմ երրորդն էր թևակոխում։ Շփոթմունքից ու չպատճառաբանված ուրախությունից հետո Դեյզիի ներկայությունը նրան հիացմունք էր պատճառում։ Նա այնքան երկար էր այդ մասին մտածել, այնքան պարզ էր պատկերացրել այդ ամենը, համբերությամբ, այսպես ասած՝ ատամները սեղմած աներևակայելի լարվածությամբ սպասել, որ հիմա չափից դուրս լարված ժամացույցի զսպանակի պես թուլանում էր։

Մի րոպե անց նա իրեն հավաքեց և ի ցույց մեզ բացեց երկու հսկայական պահարան, ուր կախՎած էին բազմաթիվ կոստյումներ, խալաթներ, փողկապներ, իսկ տասնյակ վերնաշապիկներ աղյուսների նման շարք էին կազմել կողք կողքի։

― Անգլիայում կա մեկը, որն ինձ համար շորեր է գնում։ Գարնան ու աշնան սկզբին ուղարկում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է։

Նա վերցրեց մի կույտ վերնաշապիկ ու սկսեց մեկ առ մեկ շպրտել դրանք մեր առջև՝ վերնաշապիկներ՝ մաքուր վուշից, հաստ մետաքսից, նրբագեղ բամբակյա կտորից, որոնք ընկնելիս կորցնում էին ծալքերը և գույնզգույն խառնաշփոթությամբ ծածկում սեղանը։ Տեսնելով մեր հիացմունքը, նա բերեց նորերը և ճոխ փափուկ կույտը առավել բարձրացավ գծավոր, պտավոր, վանդակավոր, մարջանագույն, կանաչավուն, երկնագույն, բաց նարնջագույն վերնաշապիկներով՝ վրան լեղակագույն սկզբնատառեր ասեղնագործած։ Հանկարծ Դեյզին խեղդուկ ձայն հանեց ու գլուխը հակելով վերնաշապիկների վրա՝ սկսեց ուժգին արտասվել։

― Այնքա՜ն սիրուն են,— հեկեկում էր նա, և նրա ձայնը գնալով խլացավ փափուկ ծալքերի մեջ։— Լացս գալիս է, որովհետև ես երբեք... երբեք չեմ տեսել այսպիսի գեղեցիկ շապիկներ։


*  *  *



Տնից հետո մենք անցանք պարտեզը, ավազանը, ջրաթիռը և միջնամառային ծաղիկները դիտելուն, բայց նորից սկսեց անձրևել, և երեքով կանգնած պատուհանի մոտ, աչքներս հառեցինք հեռուն՝ դեպի Սաունդի ալեծուփ մակերեսը։

― Եթե մառախուղ չլիներ, ծովածոցի ծայրին կերևար տունդ,— ասաց Գեթսբին։— Նավամատույցի ծայրին ամբողջ գիշեր կանաչ լույս է վառվում։

Դեյզին կտրուկ թևանցուկ արեց նրան, բայց Գեթսբին ասես ամբողջովին խորասուզված էր հենց նոր ասածի մեջ։ Հավանաբար հասկացավ, որ այդ լույսի հսկայական նշանակությունը առհավետ կորավ իր համար։ Առաջ, երբ իրենց միջև ընկած էր անսահման տարածություն, նրան թվում էր, որ այդ լույսը շողում էր Դեյզիին շատ մոտ, համարյա կողքին, նման լուսնի հարևանությամբ թարթող աստղի։ Այժմ այն կրկին վերածվեց կանաչ լապտերի՝ նավամատույցի ծայրին։ Կախարդված առարկաների թիվը մեկով պակասել էր նրա համար։

Ես սկսեցի քայլել սենյակի կիսախավարում՝ զննելով զանազան անորոշ իրեր։ Գրասեղանի վերևի ծովայինի համազգեստով տարեց մարդու լուսանկարը գրավեց ուշադրությունս։

― Սա ո՞վ է։

― Սա՛։ Պարոն Դան Քոդին է, բարեկամ։

Անունը ծանոթ էր։

― Նա մեռած է։ Իմ լավագույն ընկերն էր։

Գզրոցի վրա Գեթսբիի փոքրիկ նկարն էր՝ նույնպես ծովայինի համազգեստով, գլուխը մարտականորեն ետ գցած․ հավանաբար տասնութ տարեկանում էր նկարվել։

― Ա՜յ քեզ հրաշք,— բացականչեց Դեյզին։— Ինչ սիրուն մազափունջ է։ Դու երբեք ինձ չես ասել, որ մազափունջ ես ունեցել կամ էլ զբոսանավ։

― Այստեղ նայեցեք,— շտապ կանչեց Գեթսբին։— Թերթերից շատ հատվածներ եմ կտրել֊հավաքել, բոլորն էլ՝ քո մասին։

Նրանք կողք կողքի կանգնած աչքի էին անցկացնում լրագրերի կտրածոները։ Ես պատրաստվում էի խնդրել Գեթսբիին, որ ցույց տա սուտակները, երբ հեռախոսը զնգաց։

― Այո․․․ Դե, հիմա չեմ կարող խոսել․․․ ես հիմա չեմ կարող խոսել, բարեկամ․․․ ես ասացի՝ փոքր քաղաք․․․ նա պետք է որ իմանա, թե ինչ բան է փոքր քաղաքը․․. Դե, եթե ըստ նրա Դեթրոյթը փոքր քաղաք է, ուրեմն նա մեզ պետք չէ․․․

Եվ կախեց լսափողը։

― Եկեք այստեղ, արա՛գ,— բարձր ձայնեց Դեյզին պատուհանին մոտենալով։

Անձրևը շարունակվում էր, արևմուտքում մթությունը ճեղքվել էր, և ծովի վրա կախվել էին կարմրավուն, ոսկեգույն փետրավոր ամպերի քուլաներ։

― Նայեցեք դրանց,— շշնջաց Դեյզին, ապա շշուկով ավելացրեց։— Ես կուզեի բռնել այդ կարմրավուն ամպերից մեկը, քեզ նստեցնել վրան ու հրել։

Ես փորձեցի հրաժեշտ տալ, բայց նրանք չթողեցին։ Գուցե իմ ներկայությունը ավելի էր զգացնել տալիս նրանց մենակությունը։

― Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք,— ասաց Գեթսբին։— Քլիփսփրինգերին կանչենք դաշնամուր նվագի։

Նա դուրս եկավ սենյակից բղավելով՝ «Իվինգ» և քիչ անց վերադարձավ շվարած, փոքր֊ինչ հյուծված, ցանցառ հարդագույն մազերով երիտասարդի հետ, որի քթին կրիայի պատյանից պատրաստված շրջանակով ակնոց էր դրված։ Քլիփսփրինգերն այժմ պատշաճորեն հագնված էր՝ վիզը բաց մարզական վերնաշապիկ, թենիսի կոշիկներ և ամպագույն քաթանե տաբատ։

― Մենք ձեզ խանգարեցի՞նք,— քաղաքավարի հարցրեց Դեյզին։

― Ես քնած էի,— շփոթմունքի նոպայի մեջ գոռաց Քլիփսփրինգերը։

— Այսինքն, ես արդեն արթնացել էի։ Հետո վեր կացա...

― Քլիփսփրինգերը դաշնամուր է նվագում,— կարճ կտրելով ասաց Գեթսբին։— Ճիշտ չե՞մ ասում, Իվինգ։

― Ես լավ չեմ նվագում։ Մի կերպ նվագում եմ... Երկար ժամանակ չեմ...

― Գնանք ներքև,— ընդհատեց Գեթսբին և ինչ֊որ բան չրխկացրեց։ Մոխրագույն պատուհաններն անհետացան, և տունն ամբողջովին լուսավորվեց։

Երաժշտասենյակում Գեթսբին վառեց դաշնամուրի կողքի մենավոր լապտերը։ Ապա դողդոջուն մատներում բռնած լուցկին մոտեցրեց Դեյզիի ծխախոտին և նրա հետ միասին նստեց բազմոցին, սենյակի մյուս ծայրին, ուր միայն միջանցքի ջահն էր ցայտկլտում պսպղուն հատակի վրա։

Քլիփսփրինգերը «Սիրո բույնը» նվազելուց հետո շրջեց աթոռը և մթության մեջ դժբախտ հայացքով փնտրեց Գեթսբիին։

― Հասկացիր, ես վաղուց է չեմ նվագել։ Ես ասացի քեզ, որ չեմ կարող նվագել։ Ես կորցրել եմ...

― Շատ ես խոսում, բարեկամ, նվագիր,— հրամայեց Գեթսբին։

Առավոտից իրիկուն
Չիք մեզ համար խնդություն...

Դրսում քամին ոռնում էր, և Սաունդի վրա թեթև ամպրոպն էր ճայթում։ Վեսթ Էգգում արդեն վառվում էին լույսերը։ Մարդատար էլեկտրագնացքները, մխրճվելով անձրևի ու մառախուղի մեջ, Նյու Յորքից տուն էին բերում ուղևորներին։ Մարդկային հոգու փոխակերպման ժամն էր, և օդը հագեցած էր հուզմունքով։

Հարուստներն են հարստանում անընդհատ,
Աղքատները երեխաներ ծնում մինչ աչդ․․.
Պարզից էլ պարզ է մի բան՝
Չիք մեզ համար խնդություն
Առավոտից իրիկուն․․․

Երբ մոտեցա հրաժեշտ տալու, տեսա, որ Գեթսբիի դեմքը շփոթմունքի նախկին արտահայտությունն էր ընդունել, ասես մի տարտամ կասկած էր պատել նրան իր ներկա երջանկության մասին։ Համարյա հինգ տարի։ Նույնիսկ այսօր կարող է պահեր եղած լինեին, երբ Դեյզին չէր հասել Գեթսբիի երազների Դեյզիին, ոչ թե իր սեփական մեղքով, այլ նրա ստեղծած կերպարի հսկայական կենսունակության շնորհիվ։ Այդ կերպարը Դեյզիից լավն էր, աշխարհում ամեն ինչից վեր․ Գեթսբին կերտել էր այն ստեղծագործական հանճարով, շարունակ կատարելագործելով, զարդարելով ճամփին հանդիպած յուրաքանչյուր սիրուն փետուրով։ Ոչ մի շոշափելի գեղեցկություն չի կարող մրցել այն բանի հետ, ինչ մարդ ի վիճակի է կուտակել իր դիվային հոգում։

Ես տեսա, թե ինչպես Գեթսբին իրեն նկատելիորեն հավաքեց, բռնեց Դեյզիի ձեռքը և հուզված շրջվեց դեպի նա, երբ վերջինս ինչ-որ բան էր շշնջում նրա ականջին։ Կարծում եմ, որ ամենից շատ նրան ձգում էր Դեյզիի ձայնը իր փոփոխական, տենդագին ջերմությամբ, որովհետև ձայնը չէր կարող անիրական լիներ. այդ ձայնը անմահ երգ էր։

Նրանք մոռացել էին ինձ, բայց Դեյզին գլուխը բարձրացրեց և ձեռքը երկարեց իմ կողմը, իսկ Գեթսբիի համար ես այլևս գոյություն չունեի։ Մի անգամ ևս նայեցի նրանց, նրանք էլ ինձ՝ հեռավոր հայացքով, կլանված իրենց ներքին կյանքով։ Ես դուրս եկա սենյակից և անձրևի տակ իջա մարմարյա աստիճաններով, թողնելով նրանց այնտեղ միասին։

Գլուխ վեցերորդ

Այդ օրերին Նյու Յորքից մի երիտասարդ բախտախնդիր թղթակից եկավ Գեթսբիի տուն և հարցրեց, թե նա արդյոք չի՞ ցանկանում ելույթ ունենալ։

― Ինչի՞ մասին,— քաղաքավարի հարցրեց Գեթսբին։

― Ինչի մասին ուզում եք։

Հինգ րոպե հարցուփորձելուց հետո պարզվեց, որ երիտասարդը խմբագրությունում լսել էր Գեթսբիի անունը ինչ-որ խոսակցության ընթացքում, որը նա կա՛մ չէր ուզում ասել, կա՛մ էլ չէր հիշում։ Եվ իր ազատ օրը, առաջին իսկ պատեհ ժամին, գովելի նախաձեռնությամբ շտապել էր «հետախուզության»։

Դա պատահական կրակոց էր, բայց թղթակցի բնազդը չէր դավաճանել։ Գեթսբիի համբավը, որ տարածում էին ամռանը նրա տանը հյուրընկալվող հարյուրավոր մարդիկ, իրենց իրավունք էին վերապահում տեղյակ լինելու նրա անցյալին՝ դարձնելով նրան թերթի նյութ։ ժամանակի մի քանի առասպելները, ինչպիսին՝ «Ամերիկա — Կանադա ստորգետնյա նավթատար խողովակի» նախագիծը, կապում էին նրա անվան հետ, մեկ այլ հաստատ լուր էլ էր շրջում նրա մասին, որ նա ամենևին էլ տան մեջ չէր ապրում, այլ տան տեսքով նավի մեջ, որը գաղտնի նավարկում էր Լոնգ Այլընդի ափով մեկ։ Եվ ինչու էին այս պատմությունները Հյուսիսային Դաքոթայից եկած Ջեյմս Գեթսին բավականություն պատճառում, դժվար է ասել։

Ջեյմս Գեթս՝ այդ էր նրա իսկական կամ, համենայն դեպս, օրինական անունը։ Նա փոխել էր այն տասնյոթ տարեկան հասակում, իր գործունեության սկիզբը ազդարարող այն նշանակալից պահին, երբ տեսել էր, թե ինչպես է Դան Քոդիի զբոսանավը Սուփերիոր լճի ամենանենգ ծանծաղուտում խարիսխ գցում։ Ջեյմս Գեթսն էր, որ այդ օրը մաշված կանաչ վերնաշապիկով և քաթանե տաբատով դեգերել էր ափին, բայց արդեն Ջեյ Գեթսբին էր, որը մակույկով հասավ «Թուոլոմին» և զգուշացրեց Դան Քոդիին, թե կես ժամից բարձրացած քամին կպոկի խարիսխը և շարդուփշուր կանի զբոսանավը։

Հավանաբար, նա այդ անունը նախօրոք էր պատրաստել։ Նրա ծնողները անճար մարդիկ էին, ձախողակ հողագործներ, և նա իր երևակայության մեջ երբեք նրանց չէր ընդունել որպես իր իսկական ծնողների։ Ըստ էության, Ջեյ Գեթսբին ծնունդ էր առել Լոնգ Այլընդի Վեսթ Էգգից և ինքն իր մասին ունեցած պլատոնական պատկերացումից։ Նա աստծու որդին էր, և եթե այդ խոսքը որևէ բան նշանակում է, ապա հենց դա է նշանակում, և նա պետք է կատարեր իր հոր նախասահմանած գործը՝ ծառայեր համատարած, գռեհիկ, խաբուսիկ գեղեցկությանը։ Այսպիսով, նա հնարել էր մի այնպիսի Ջեյ Գեթսբի, որը տասնյոթամյա պատանին ի վիճակի էր պատկերելու և մինչև վերջ մնացել էր հավատարիմ այդ մտքին։

Տարուց ավելի նա Սուփերիոր լճի հարավային ափին թրև էր գալիս, երբեմն կակղամորթ մոլյուսկի կամ սաղմոնի առևտրով զբաղվում, երբեմն էլ պատահած գործն անում, որպեսզի սննդի և սենյակի փող հայթայթեր։ Նրա արևահար կոփված մարմինը այդ ծանր օրերի մասամբ հոգնեցուցիչ, մասամբ ընդարմացուցիչ աշխատանքի մեջ ապրում էր բնական կյանքով։ Նա վաղ էր ճանաչել կանանց, և քանի որ նրանք երես էին տվել նրան, սովորել էր արհամարհել նրանց՝ երիտասարդ կույսերին՝ անփորձության, իսկ մյուսներին՝ չնչին բաների շուրջ բարձրացրած աղմուկի համար, որն իր անսահման եսակենտրոն մտածողության մեջ ընդունում էր հարկ եղածին պես։

Սակայն նրա հոգին մշտապես խռովյալ էր։ Գիշերները անկողնում նրան ամենահանդուգն և անհեթեթ մտքերն էին պաշարում։ Անասելի տոնախմբությունների տիեզերք էր ծավալվում նրա ուղեղում, մինչ ժամացույցը տկտկում էր լվացարանի վրա, իսկ լուսինը թույլ լույսի շաղով թացացնում էր հատակի խառնիխուռն շորերը։ Ամեն գիշեր նրա երևակայությունը նորանոր նախշեր էր գործում, քանի դեռ քունը մի ինչ֊որ պայծառ երազանքի պահին իր ինքնամոռաց գիրկը չէր առնում նրան։ Որոշ ժամանակ այս գիշերային անուրջները հոգուն հանգստություն էին բերում, բավարար հավատ ներշնչում իրականության անիրականության համար և համոզում, որ աշխարհը հաստատորեն բազմած է փերիի թևերի վրա։

Դրանից մի քանի ամիս առաջ ապագա փառքի կանխազգացումը նրան առաջնորդեց Հարավային Միննեսոթայի սուրբ Օլաֆի անվան փոքրիկ լյութերական քոլեջը։ Նա այնտեղ մնաց երկու շաբաթ՝ վրդովված քոլեջի անհանդուրժելի անտարբերությունից իր ճակատագրի շեփորների նկատմամբ, արհամարհելով դռնապանի աշխատանքը, որով ուսման վարձն էր վճարում։ Հետո վերադարձավ Սուփերիոր լիճ՝ աշխատանք փնտրելու, և մի օր էլ Դան Քոդիի զբոսանավը խարիսխ ձգեց ծանծաղուտում։

Քոդին այդ ժամանակ հիսուն տարեկան էր։ Նա անցել էր Յուքոնի դպրոցը, Նևադայի արծաթահանքերը և մետաղի բոլոր տենդագին փնտրտուքները՝ յոթանասունհինգ թվականից սկսած։ Մոնթանայի պղինձը նրան մի քանի միլիոն շահույթ բերեց՝ ամենևին չզրկելով առողջությունից, սակայն հասցրեց թուլամտության դուռը, և բազմաթիվ կանայք, իմանալով այս, փորձում էին նրան բաժանել իր փողերից։ Այդ գայթակղիչ պատմությունների հետևանքով լրագրող Էլլա Քեյը օգտվեց նրա տկարությունից, բռնելով մադամ դը Մենթընոնի դիրքը, իսկ Դան Քոդին մազապուրծ փախավ զբոսանավով. այդ ամենին մարդիկ տեղեկացան 1902 թվականի թերթերի ճոռում հոդվածներից։ Եվ հինգ տարի շարունակ հյուրընկալ ափերով նավարկելուց հետո, նա դարձավ Ջեյմս Գեթսի բախտը Լիթլ Գըրլ ծովածոցում։

Երիտասարդ Գեթսի համար, որը թիերին հենված նայում էր վեր՝ ճաղապատ տախտակամածին, այդ զբոսանավը մարմնավորում էր աշխարհի ողջ գեղեցկությունն ու շքեղությունը։ Հավանաբար նա ժպտում էր Քոդիի հետ խոսելիս․ նա արդեն փորձից գիտեր, որ մարդկանց դուր է գալիս իր ժպիտը։ Համենայն դեպս, Քոդին նրան մի քանի հարց տվեց (նրանցից մեկը ծնունդ տվեց իր նոր անվանը) և տեսավ, որ տղան հնարամիտ է ու վերին աստիճանի ինքնասեր։ Մի քանի օր անց Քոդին նրան տարավ Դուլութ, ուր նրա համար գնեց կապույտ բաճկոն, վեց զույգ սպիտակ քաթանե տաբատ և ծովայինի գլխարկ։ Եվ երբ «Թուոլոմին» լողաց դեպի Վեսթ Ինդիա և Բերբերյան ափերը, Գեթսբին նույնպես մեկնեց այդ նավով։

Նա անում էր պատահած գործը․ հերթով ծառայեց որպես կառավարիչ, նավապետի օգնական, նավապետ, քարտուղար, նույնիսկ բանտապահ, քանի որ զգոն Դան Քոդին գիտեր, թե ինչ շռայլությունների է ընդունակ հարբած Դան Քոդին և նման պատահականություններից զերծ մնալու համար ավելի ու ավելի էր վստահում Գեթսբիին։ Այս ամենը տևեց հինգ տարի, որի ընթացքում նավը երեք անգամ պտտվեց Եվրոպայի շուրջը։ Դա կարող էր շարունակվել անորոշ ժամանակով, եթե մի գիշեր Բոստոնում Էլլա Քեյը նավ չմտներ, և ապա մի շաբաթ անց Դան Քոդին, հյուրընկալության կանոնները խախտելով, հոգին չավանդեր։

Ես հիշում եմ Գեթսբիի ննջարանում կախված նրա լուսանկարը՝ սպիտակահեր, արևահար դեմքով, խիստ, ոչինչ չարտահայտող հայացքով մի մարդ՝ թիվ մեկ անառակը, որը դարավերջի Ամերիկայի արևելյան ափին վերադարձրեց արևմտյան անառակատների և գարեջրատների անզուսպ խրախճանքը։ Քիչ խմելու համար Գեթսբին անուղղակիորեն նրան էր պարտական։ Երբեմն ուրախ հավաքույթների ժամանակ կանայք շամպայն էին լցնում նրա մազերի մեջ, իսկ ինքը սովորություն էր դարձրել միայն լիկյոր խմել։

Քոդին նրան ժառանգություն թողեց՝ քսանհինգ հազար դոլար։ Սակայն նա չստացավ այդ փողը։ Եվ այդպես էլ չհասկացավ իր դեմ բացված դատական գործը, բայց այն, ինչ մնաց միլիոններից, Էլլա Քեյի բաժինը դարձավ։ Իսկ ինքը տեր դարձավ մի հազվագյուտ կրթության՝ այդ հինգ տարիների յուրօրինակ փորձին, և Ջեյ Գեթսբիի տարտամ ուրվագիծը մարդկային կերպարանք ստացավ։

*  *  *



Նա այս բոլորն ինձ պատմեց շատ ավելի ուշ, բայց ես հարկ համարեցի գրի առնել այստեղ՝ հօդս ցնդեցնելու նրա անցյալի մասին եղած անհեթեթ լուրերը, որոնց մեջ ճշմարտության հատիկ անգամ չկար։ Դեռ ավելին, նա ինձ այդ ամենը պատմեց մի այնպիսի խառը ժամանակ, երբ ես հասել էի այն աստիճանի, որ հավատում էի նրա շուրջ եղած ամեն ինչին, կամ չէի հավատում ոչնչի։ Եվ ահա, որոշեցի օգտվել այս կարճ դադարից, մինչ Գեթսբին, այսպես ասած, շունչը պահած, կցրի թյուրըմբռնումների շղթան։

Մեր հանդիպումները նույնպես դադարեցին։ Մի քանի շաբաթ ես նրան չտեսա և նույնիսկ հեռախոսով չխոսեցի հետը։ Մեծ մասամբ Նյու Յորքում էի լինում, թրև էի գալիս Ջորդանի հետ, փորձում հաճոյանալ նրա ծեր մորաքրոջը, բայց վերջապես մի կիրակի, ցերեկը գնացի Գեթսբիի մոտ։ Դեռ երկու րոպե էլ չէր անցել իմ ներս մտնելուց, երբ հայտնվեցին երեք հոգի, որոնցից մեկը Թոմ Բյուքենենն էր։ Բնականաբար ապշեցի, բայց իրոք զարմանալին այն էր, որ դա մինչև հիմա տեղի չէր ունեցել։

Նրանք երեքն էլ ձիերով էին՝ Թոմը, մի ոմն Սլոուն և հեծյալի դարչնագույն հանդերձով մի սիրունատես կին, որն այստեղ արդեն եղել էր։

― Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար,— նրանց դիմավորելով ասաց Գեթսբին։— Շատ ուրախ եմ, որ եկաք։

Կարծես դա նրանց շատ էր հետաքրքրում։

― Նստեցեք, խնդրեմ։ Սիգարեթ վերցրեք, գուցե սիգար ցանկանաք,— նա արագ շարժվում էր սենյակում՝ սեղմելով զանգերի կոճակները։— Հիմա խմիչք կբերեն։

Թոմի ներկայությունը խորապես ազդել էր նրա վրա։ Բայց բոլոր դեպքերում նա չէր հանգստանա, մինչև չհյուրասիրեր նրանց, որովհետև տարտամորեն գիտակցում էր, որ դրա համար էին եկել։ Պարոն Սլոունը ամեն ինփց հրաժարվում էր։ Լիմոնա՞դ։ Ոչ, շնորհակալություն։ Գուցե շամպա՞յն։ Ոչինչ էլ հարկավոր չէ, շնորհակալություն... ներեցեք...

― Լավ զբոսնեցի՞ք։

― Ճանապարհներն այստեղ հիանալի են։

― Բայց ինձ թվում է, ավտոմեքենաները․․․

― Ըհը՛։

Անդիմադրելի մղումով Գեթսբին շրջվեց դեպի Թոմը, որն այնպիսի դիրք ընդունեց, ասես առաջին անգամ էր տեսնում Գեթսբիին։

― Մենք կարծեմ ծանոթ ենք, պարոն Բյուքենեն։

― Այո, իհարկե,— կտրուկ քաղաքավարությամբ ասաց Թոմը, բայց ըստ երևույթին չհիշեց։— Դե, իհարկե, ինչ֊որ տեղ հանդիպել ենք։ Շատ լավ հիշում եմ։

― Երկու շաբաթ առաջ։

― Ճիշտ է։ Դուք այն ժամանակ ա՜յ նրա, Նիքի հետ էիք։

― Ես ճանաչում եմ ձեր կնոջը,— համարյա հարձակման անցնելով շարունակեց Գեթսբին։

― Իրո՞ք։

Թոմը շրջվեց իմ կողմը․

― Դու կարծեմ մոտերքում ես ապրում, Նիք։

― Հարևան եմ։

― Մի՞թե։

Սլոունը մեծամտորեն փռվել էր բազկաթոռին և չէր մասնակցում խոսակցությանը։ Կինը նույնպես լուռ էր, բայց երկու բաժակ վիսկի խմելուց հետո աշխուժացավ։

― Մենք կգանք ձեր հաջորդ երեկույթին, պարոն Գեթսբի,— հայտարարեց նա։— Դեմ չե՞ք լինի։

― Ի՞նչ եք ասում, շատ ուրախ կլինեմ։

― Դուք շատ բարի եք,— սառը քաղաքավարությամբ ասաց Սլոունը։

— Բայց մեր գնալու ժամանակն է։

— Ինչո՞ւ եք շտապում,— ընդդիմացավ Գեթսբին։ Նա այժմ տիրապետում էր իրեն և ուզում էր Թոմի հետ խոսել։

― Գուցե մնաք, միասին կընթրենք։ Երևի Նյու Յորքից մարդիկ գան։

― Ավելի լավ է, դուք եկեք իմ տուն ընթրիքի,— աշխույժ վրա բերեց կինը։— Դուք երկուսդ։

Դա ինձ էլ էր վերաբերում։ Սլոունը ոտքի ելավ։

― Գնացինք,— ասաց նա՝ դիմելով միմիայն կնոջը։

― Եկեք, խնդրում եմ,— պնդում էր կինը։— Լավ կլինի, որ գաք։ Տեղ շատ կա։

Գեթսբին հարցական նայեց ինձ։ Նա ուզում էր գնալ, բայց չէր հասկանում, որ Սլոունը արդեն ի վնաս իրեն վճիռ էր կայացրել։

― Ցավոք, ես չեմ կարող գալ,— ասացի։

― Այդ դեպքում, դուք եկեք, պարոն Գեթսբի,— պնդեց կինը։

Սլոունը ինչ֊որ բան շշնջաց նրա ականջին։

― Չենք ուշանա, եթե հենց հիմա ճանապարհ ընկնենք,— բարձրաձայն հակառակեց կինը։

― Ես ձի չունեմ,— ասաց Գեթսբին։— Բանակում ձի քշել եմ, բայց երբեք ձի չեմ ունեցել։ Ես մեքենայով կգամ ձեր ետևից։ Ներեցեք, մի րոպեից պատրաստ կլինեմ։

Բոլորս, բացի Գեթսբիից, դուրս եկանք գավիթ, ուր Սլոունն ու կինը մի կողմ քաշվելով՝ սկսեցին վիճել։

― Տեր աստված, երևում է Գեթսբին լուրջ ընդունեց,— ասաց Թոմը։— Չի հասկանում, որ այդ կինը իմիջիայլոց ասաց։

― Բայց նա հրավիրեց։

― Նա մեծ ճաշկերույթ է տալիս, իսկ Գեթսբին այնտեղ ոչ մեկին չի ճանաչում։— Թոմը հոնքերը կիտեց։— Տեսնես որտեղից գիտե Դեյզիին։ Աստված վկա, գուցե իմ գաղափարները ժամանակակից չեն, բայց մեր օրերում կանայք շատ են դես ու դեն ընկնում, շատ են սրա-նրա հետ քարշ գալիս։

Հանկարծ Սլոունն ու տիկինը իջան աստիճաններով և նստեցին ձիերը։

― Գնացինք,— շտապեցրեց Սլոունը Թոմին,— ուշանում ենք։ Պետք է գնանք։— Ապա դիմեց ինձ։— Ասացեք նրան, որ սպասել չենք կարող։

Ես ու Թոմը ձեռք սեղմեցինք, իսկ մյուսները բավարարվեցին սառը գլուխ տալով, և նրանք անմիջապես վարգեցին, անհետանալով օգոստոսյան սաղարթի մեջ, երբ Գեթսբին՝ գլխարկն ու թեթև վերարկուն ձեռքին, դուրս եկավ նախադռնից։

Ըստ երևույթին Թոմին անհանգստացրեց Դեյզիի միայնակ շրջագայությունը, այնպես որ հաջորդ շաբաթ երեկոյան նա կնոջ հետ եկավ Գեթսբիի հավաքույթին։ Գուցե նրա ներկայությունը մի յուրատեսակ ճնշող մթնոլորտ էր հաղորդել երեկոյին, որովհետև այն իմ հիշողության մեջ որոշակիորեն առանձնանում է Գեթսբիի մյուս երեկույթներից։ Նույն մարդիկ էին եկել, կամ առնվազն նույնանման, շամպայնը նույնքան առատ էր, նույն բազմերանգ, բազմաձայն եռուզեռը, բայց օդը հագեցած էր տհաճությամբ, համատարած կոպտությամբ, որը նախկինում բացակայում էր։ Կամ գուցե ես պարզապես սովոր էի ընդունելու Վեսթ Էգգը որպես մի ինքնուրույն աշխարհ՝ իր սեփական օրենքներով, իր սեփական մեծություններով, մի կատարյալ աշխարհ՝ որը գաղափար անգամ չուներ անկատարության մասին, իսկ այժմ վերստին նայեցի դրան Դեյզիի աչքերով։ Անկասկած տխուր է նոր աչքերով տեսնել այն, ինչին արդեն վարժվել ես։

Թոմն ու Դեյզին եկան իրիկնամուտին։ Երբ մենք միասին թափառում էինք խայտաբղետ բազմության մեջ, Դեյզիի կոկորդը կարկաչուն կլկլոցներ էր արձակում։

― Այս բոլորն այնքան հուզիչ է,— շշնջաց Դեյզին։— Եթե հանկարծ ուզենաս ինձ համբուրել, Նիք, առանց քաշվելու ասա։ Ես մեծ ուրախությամբ գործը գլուխ կբերեմ։ Հենց միայն անունս տուր կամ էլ կանաչ քարտ ներկայացրու։ Ես կանաչ քարտ տալիս եմ...

― Նայեցեք ձեր հուրջը,— առաջարկեց Գեթսբին։

― Նայում եմ։ Ես հիացած եմ․․․

― Դուք այստեղ կտեսնեք շատ մարդկանց, որոնց մասին լսել եք։

Թոմի անպատկառ հայացքը շրջում էր ամբոխի մեջ։

― Մենք քիչ ենք դուրս գալիս տնից,— ասաց նա։— Ես հենց նոր մտածում էի, որ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում։

― Գուցե այդ տիկնոջը ճանաչեք,— Գեթսբին մատնացույց արեց մի հիասքանչ գեղուհու, որն ավելի շուտ նմանվում էր խոլորձ ծաղկի, քան ծեր սալորենու տակ փառահեղորեն բազմած մարդկային էակի։ Թոմն ու Դեյզին կանգ առան մի պահ՝ անձնատուր եղած այն անիրական զգացումին, որ ունենում են մարդիկ իրական կյանքում անտաղանդ կինոաստղին ճանաչելիս։

― Սիրուն է,— ասաց Դեյզին։

― Այդ տղամարդը, որ թեքված խոսում է հետը, իր տնօրենն է։

Գեթսբին նրանց մի խմբից մյուսն էր տանում՝ հանդիսավոր ներկայացնելով։

― Տեր և տիկին Բյուքենենները...— մի պահ տատանումից հետո ավելացրեց,— ջրագնդակի չեմպիոնը։

― Ինչ եք ասում,— առարկեց Թոմը,— ինչ չեմպիոն։

Սակայն ըստ երևույթին Գեթսբիին դուր էր գալիս այդ բառերի հնչեղությունը, այնպես որ ամբողջ երեկոյի ընթացքում Թոմը մնաց որպես ջրագնդակի չեմպիոն։

― Ես երբեք այդքան շատ հայտնի դեմքեր չեմ տեսել,— գոչեց Դեյզին։— Ինձ դուր եկավ այդ մարդը․․․ Ի՞նչ էր նրա անունը․․․ մի տեսակ կապույտ քիթ ուներ։

Գեթսբին տվեց անունը, ասելով, որ նա ոչ մեծ կինոստուդիայի տնօրեն է։

― Ինչ որ է, նա ինձ դուր եկավ։

― Ես գերադասում եմ ջրագնդակի չեմպիոն չլինել,— Թոմը դարձավ բարեհամբույր,— այլ աննկատ հիանալ այս բոլոր նշանավոր մարդկանցով։

Դեյզին ու Գեթսբին գնացին պարելու։ Հիշում եմ, ինձ զարմացրեց Գեթսբիի շնորհալի, փոքր֊ինչ հնաոճ ֆոքսթրոթը․ ես երբեք նրան պարելիս չէի տեսել։ Հետո նրանք ճեմելով անցան իմ այգին և կես ժամի չափ նստեցին աստիճանների վրա, իսկ ես Դեյզիի խնդրանքով մնացի հսկելու պարտեզում։ «Եթե հանկարծ հրդեհ ծագի կամ ջրհեղեղ սկսվի,— բացատրեց նա,— կամ էլ՝ ինչ֊որ ուրիշ աստվածային պատիժ գա մեր գլխին»։

Թոմը հայտնվեց մեր կողքին, երբ երեքով նստեցինք ընթրելու։

― Չե՞ք նեղանա, եթե գնամ այն մարդկանց մոտ,— հարցրեց նա։— Դրանցից մեկը ծիծաղելի բաներ է պատմում։

― Գնա, գնա,— ջերմ ասաց Դեյզին։— Վերցրու իմ ոսկե մատիտը, պետք կգա քեզ հասցե գրելու համար․․․

Քիչ անց Դեյզին նայեց Թոմի հարևանուհուն ու ասաց ինձ, որ աղջիկը «լավիկն է, բայց հասարակ է», և ես հասկացա, որ միայն Գեթսբիի հետ անցկացրած կես ժամվա ընթացքում էր նա իրեն լավ զգացել։

Մենք նստել էինք մի խումբ գինովցած մարդկանց կողքին։ Գեթսբիին հեռախոսի մոտ էին կանչել։ Այդ ես էի միացել նրանց, որովհետև երկու շաբաթ լավ ժամանակ էի անցկացրել նրանց հետ։ Բայց այն, ինչ հաճելի էր թվացել ինձ այն ժամանակ, այժմ նեխածի հոտ էր արձակում։

― Ինչպե՞ս եք ձեզ զգում, օրիորդ Բեդեքեր։

Աղջիկը, որին դիմեցի, ուսիս հենվելու անհաջող փորձեր էր անում։ Իմ հարցի վրա նա ուղղվեց և բացեց աչքերը։

― Ի՞նչ։

Մի մարմնեղ ալարկոտ կին, որը համոզում էր Դեյզիին հաջորդ օրը իր հետ գոլֆ խաղալ տեղի ակումբում, խոսեց ի պաշտպանություն օրիորդ Բեդեքերի։

― Հիմա լավ է զգում։ Հինգ֊վեց բաժակից հետո սկսում է ճչալ։ Քանի անդամ եմ ասել, որ չխմի։

― Ես չեմ խմում,— անմիտ հաստատեց մեղադրյալը։

― Հենց որ լսեցինք ոռնոցդ, ես անմիջապես ասացի բժիշկ Քիվերին. «Բժիշկ, քո կարիքը զգացվում է»։

― Նա երևի երախտապարտ է ձեզ,— սառը միջամտեց մի երրորդ կին,— բայց դուք նրա հագուստը թրջեցիք, երբ գլուխը ավազանի մեջ մտցրիք։

― Տանել չեմ կարող, երբ գլուխս ջրի մեջ են խոթում,— մրթմրթաց օրիորդ Բեդեքերը։— Մի անգամ Նյու Ջերսիում քիչ էր մնում խեղդեին ինձ։

— Ուրեմն չպետք է խմես,— եզրափակեց բժիշկ Քիվեթը։

― Դուք ձեր մասին մտածեք,— կատաղեց օրիորդ Բեդեքերը։— Ձեռքերդ դողում են։ Ոչ մի դեպքում չէի համաձայնվի, որ ինձ վիրահատեիք։

Եվ այնուհետև նման խոսքերի շարան։ Վերջում, հիշում եմ, Դելդիի հետ կանգնած հեռվից գիտում էինք կինոռեժիսորին ու իր կինոաստղին։ Նրանք դեռևս նստած էին ծեր սալորենու տակ, և լուսնի գունատ շողը բաժանում էր նրանց համարյա իրար դիպչող դեմքերը։ Գլխումս մի միտք ծագեց, թե ռեժիսորը, ողջ երեկոն դանդաղ հակվելով դեպի կինոաստղը, հասել էր ցանկացած մոտիկությանը, և հենց այդ մտածելու պահին լուսնի շողը անհետացավ, և նրա շուրթերը հպվեցին կինոաստղի այտին։

― Նա ինձ դուր է գալիս,— ասաց Դեյզին։— Լավիկն է։

Բայց մնացյալը ցնցեց նրան և ցնցեց անվիճելիորեն, որովհետև դա զգացում էր, ոչ թե շարժում։ Նա սարսափում էր Վեսթ Էգգից, Լոնգ Այլընդ ձկնորսական ավանում Բրադվեյի ծննդաբերած այդ աննման «զավակից», սոսկում նրա դարն ապրած նրբահնչյուն դարձվածքների տակ խլրտացող կոշտ ու կոպիտ գռեհիկ խոսքերից և նրա չափազանց սևեռուն ճակատագրից, որը կարճ ճանապարհով քշում էր բնակիչներին անէությունից անէություն։ Նա ինչ֊որ ահարկու բան էր տեսնում այդ պարզության մեջ, ինչը անկարող էր հասկանալ։

Ես նստեցի նրանց կողքին, աստիճանների վրա, մինչ կգար մեքենան։ Այստեղ, տան առաջամասը, լուսավորված չէր, միայն դռնից դուրս ցայտող պայծառ լույսի ուղղանկյուն շիթը մխրճվում էր վաղորդյան մեղմ մթության մեջ։ Երբեմն հարդասենյակի վարագույրի վրա գծագրվում էր մի ստվեր, որն իր տեղն էր զիջում մեկ ուրիշին, և այսպես, անտեսանելի հայելու առաջ հարդարվող ստվերների մի անորոշ երթ։

― Ի վերջո, ո՞ւր է այդ Գեթսբին,— հանկարծ հարցրեց Թոմը։— Հայտնի մաքսանե՞նգ։

― Ո՞վ ասաց,— հարցրեցի։

― Ոչ մեկը։ Ուղղակի եզրակացնում եմ։ Այս նորելուկ հարուստներից շատերը հայտնի մաքսանենգներ են։

― Գեթսբին դրանցից չէ,— կտրեցի ես։

Նա մի պահ լռեց։ Խճաքարերը խշրտում էին նրա ոտքերի տակ։

― Երևի շատ է չարչարվել այս գազանանոցը հավաքելու համար։

Զեփյուռը խաղում էր Դեյզիի մորթե օձիքի մոխրագույն մազիկների հետ։

― Համենայն դեպս, սրանք ավելի հետաքրքիր են, քան մեր ծանոթները,— ճիգ գործադրելով ասաց Դեյզին։

― Բայց դու նրանց հետ քեզ այնքան էլ լավ չէիր զգում։

― Շատ էլ լավ էի զգում։

Թոմը ծիծաղեց՝ շրջվելով իմ կողմը։

― Դու նկատեցի՜ր Դեյզիի դեմքի արտահայտությունը, երբ այդ աղջիկը խնդրեց իրեն սառը ցնցուղի տակ մտցնել։

Դեյզին սկսեց խռպոտ ռիթմիկ շշունջով ձայնակցել երաժշտությանը, յուրաքանչյուր բառին տալով մի այնպիսի իմաստ, որը երբեք նախկինում չէր ունեցել և չէր էլ ունենա։ Մեղեդին բարձրանալու հետ մեկտեղ ձայնը քաղցրահնչյուն երանգներ ստացավ՝ հատուկ կոնտրալտո ձայներին, որոնց յուրաքանչյուր նրբերանգը հորդեցնում էր Դեյզիի մարդկային հմայքի ջերմ մասնիկը։

― Շատերն են գալիս առանց հրավիրված լինելու,— հանկարծ ասաց Դեյզին։— Այդ աղջիկր հրավիրված չէր։ Զոռով գալիս են, իսկ նա էլ քաղաքավարությունից դրդված լռում է։

― Ինչևիցե, կուզենայի իմանալ, թե ով է նա և ինչով է զբաղվում,— համառեց Թոմը։— Եվ ես կիմանամ։

― Ուզում ես հենց հիմա ասեմ,— պատասխանեց Ղեյզին։— Նա սեփական դեղատներ ունի, շատ դեղատներ։ Ինքն է կառուցել դրանք։

Հեռվից երևաց ուշացած լիմուզինը։

― Բարի գիշեր, Նիք,— ասաց Դեյզին։

Նրա հայացքը սահեց իմ վրայով դեպի սանդղահարթակի լույսը, ուր բաց դռնից հորդացող պարզ ու տխուր «Առավոտյան ժամը երեքին» վալսը այդ տարվա նորությունն էր։ Բայց և այնպես, Գեթսբիի երեկույթի պատահական այցելուները ռոմանտիկ հնարավորությունների առիթ էին ընձեռում, որից զուրկ էր Դեյզիի աշխարհը։ Ինչո՞վ էր այդ երգը ձգում իրեն ետ։ Ի՞նչ կարող էր կատարվել վաղորդյան այս տագնապալից պահին։ Գուցե կգար ինչ-որ անսպասելի հյուր՝ անչափ հազվագյուտ ու դյութիչ, ինչ֊որ փթթուն աղջիկ, որը գերելով Գեթսբիին իր պայծառ հայացքով, հանդիպման կախարդական պահով, մոռացության կմատներ անսասան նվիրվածության հինգ տարիները։

Ես այդ գիշեր երկար մնացի Գեթսբիի տանը։ Նա խնդրեց ինձ սպասել մինչև ինքը լրիվ կազատվեր, իսկ ես թափառեցի այգում այնքան, մինչև սրթսրթալով վերադարձավ գիշերային լողի սիրահարների խումբը՝ հիացած ու վերացած, մինչև վերևում լույսերը հանգան հյուրասենյակներում։ Երբ վերջապես Գեթսբին իջավ ներքև, նրա դեմքի արևահար մաշկը անսովոր կերպով ձգվել էր, իսկ հոգնած աչքերը փայլում էին։

― Դեյզին չհավանեց,— անմիջապես ասաց նա։

— Ընդհակառակը։

― Ոչ, չհավանեց,— պնդեց նա։— Դեյզին ձանձրանում էր։

Գեթսբին լռեց, և ես տեսա նրա ընկճված հոգին։

― Ես նրանից շատ եմ հեռացել։ Դժվար է նրան հասկացնելը։

― Երեկույթի մասի՞ն է խոսքը։

― Ի՞նչ երեկույթ,— ձեռքի մի շարժումով նա մինչ այդ կազմակերպած բոլոր երեկույթները գրողի ծոցն ուղարկեց։— Երեկույթը չէ կարևորը, բարեկամ։

Նա սպասում էր, որ Դեյզին ոչ ավել, ոչ պակաս ասեր Թոմին․ «Ես քեզ երբեք չեմ սիրել»։ Եվ այդ խոսքով վերջին չորս տարիները ջնջելուց հետո միայն նրանք կանցնեին ավելի գործնական միջոցների, որոնցից մեկը Լուիսվիլ գնալն էր ու հայրական տանը հարսանիք անելը, ինչպես հինգ տարի առաջ պետք է լիներ։

― Իսկ Դեյզին չի հասկանում,— ասաց Գեթսբին։— Մի ժամանակ հասկանում էր։ Ժամերով նստում էինք․․․

Նա շվերջացրեց ասելիքը և սկսեց ետ ու առաջ քայլել մրգի կեղևներ, ուտելիքի մնացորդներ և թառամած ծաղիկներ շաղ տված մենավոր արահետով։

― Դու շատ բան ես պահանջում նրանից,— համարձակվեցի ասել։— Անցյալը չես վերադարձնի։

― Անցյալը չե՞ս վերադարձնի,— անբնական ձայնով գոռաց նա։

— Ինչո՞ւ ոչ։

Ապա կատաղած նայեց շուրջը ասես անցյալը թաքնվել էր իր տան ստվերում, և ձեռքը մեկնելուն պես կբռներ այն։

― Ես ամեն ինչ կանեմ ճիշտ այնպես, ինչպես առաջ էր,— նա վճռականորեն գլխով արեց։— Նա կտեսնի։

Գեթսբին շատ խոսեց անցյալի մասին, և ես հասկացա, որ նա որոնում էր ինչ-որ բան, գուցե Դեյզիի նկատմամբ տածած սիրո մեջ ձուլված իր երբեմն ի կերպարը։ Այդ ժամանակից ի վեր նրա կյանքը ընթացել էր խառնիխուռն և անկանոն, բայց եթե մի անգամ ետ դառնար դեպի սկիզբն ու դանդաղ առաջանար, ապա կկարողանար գտնել այդ կորցրածը...

... Մի աշնանային երեկո, հինգ տարի առաջ, նրանք զբոսնում էին քաղաքում։ Տերևաթափ էր։ Ի վերջո հասան մի ծառազուրկ փողոց, ուր մայթը սպիտակին էր տալիս լուսնի լույսի ներքո։ Կանգնեցին դեմ առ դեմ։ Զով գիշեր էր՝ առլեցուն այն խորհրդավոր հուզականությամբ, որը լինում է տարվա երկու եղանակների փոփոխության ժամանակ։ Տների մեղմիկ լույսը դժժալով դուրս էր ցայտում գեպի փողոցի մութը, իսկ աստղերի մեջ շշուկ ու շրշյուն կար։ Աչքի պոչով Գեթսբին նշմարեց, որ մայթերի սալիկները աստիճանաձև ուղու վերածվելով՝ տանում են դեպի ծառերի մեջ պատսպարված գաղտնարանը, ուր կարող էր հասնել, եթե բարձրանար մեն-մենակ և այնտեղ ծծելով կյանքի պտուկները՝ կուլ տար հրաշագործ կաթը։

Երբ Դեյզին իր գունատ դեմքը մոտ բերեց, Գեթսբիի սիրտը սկսեց արագ տրոփել։ Նա գիտեր, որ եթե համբուրեր այդ աղջկան և զուգակցեր իր աննկարագրելի անուրջները նրա անէացող շնչի հետ, ապա իր միտքը կկորցներ աստվածային թռիչքը։ Եվ հապաղում էր՝ ունկնդրելով աստղին դիպած կամերտոնին։ Քիչ անց համբուրեց նրան։ Գեթսբիի շրթունքների հպումից Դեյզին փթթեց ծաղկի պես, և կատարելությունը ավարտուն դարձավ։

Նրա ողջ պատմությունը իր ահավոր զգացմունքայնությամբ հիշեցնում էր ինչ֊որ անորսալի ռիթմ, երբեմնի ասված խոսքերի պատառիկ, որը ես շատ վաղուց ինչ֊որ տեղ լսել էի։

Հանկարծ մտքումս կազմավորվեց մի նախադասություն, շրթունքներս շարժեցի համրի նման՝ ճիգ գործադրելով հնչյուններն արտաբերել։ Սակայն ձայն չարձակեցի, և այն, ինչ մտքումս էր, առհավետ մոռացության մատնվեց։

Գլուխ յոթերորդ

Հենց այդ ժամանակ, երբ Գեթսբիի հանդեպ համրնդհանուր հետաքրքրասիրությունը գագաթնակետին էր հասել, մի շաբաթ գիշեր նրա տան լույսերը չվառվեցին, և Թրիմալչիոյի նրա գործունեությունը այնպես խորհրդավոր ավարտվեց, ինչպես որ սկսվել էր։ Ես անմիջապես չնկատեցի, որ մեքենաները, որոնք աշխուժորեն թեքվում էին դեպի նրա տուն տանող ճանապարհը, մեկ րոպե անց թթված ետ էին դառնում։ Մտածեցի, գուցե հիվանդ է, և գնացի տեղեկանալու։ Չարագործի դեմքով անծանոթ սպասավորը դռան շեմին կասկածամտորեն աչքերը հառեց վրաս։

― Պարոն Գեթսբին հիվա՞նդ է։

― Ոչ,— քիչ անց չկամությամբ ավելացրեց,— պարոն։

― Ես նրան վաղուց է չեմ տեսել։ Որևէ բա՞ն է պատահել։ Ասացեք նրան, պարոն Քարավեյն էր եկել։

― Ո՞վ,— հարցրեց նա կոպիտ։

― Քարավեյը։

― Քարավեյը։ Լավ, կասեմ։

Եվ կտրուկ շխկացրեց դուռը։

Իմ ֆինն սպասուհուց իմացա, որ մի շաբաթ առաջ Գեթսբին արձակել էր բոլոր ծառաներին, փոխարենը վարձել նորերին, որոնք Վեսթ Էգգ չէին գնում և վաճառողներից կաշառք չէին, վերցնում, այլ հեռախոսով պատվիրում էին չափավոր քանակությամբ մթերք։ Նպարավաճառի մոտ աշխատող տղան ասում էր, որ նրա խոհանոցը վերածվել է խոզանոցի, և այն կարծիքն էր շրջում, որ նոր ծառաներն ամենևին էլ ծառա չէին։

Հաջորդ օրը Գեթսբին զանգահարեց։

― Պատրաստվում ես մեկնե՞լ,— հարցրեցի։

― Ոչ, ի՞նչ ես ասում։

― Լսել եմ, ծառաներին արձակել ես։

― Ես ուզում էի այնպիսի մեկին, որ չբամբասեր։ Դեյզին հաճախ է գալիս երեկոները։

Ի դեպ, Դեյզիի անբարեհամբույր հայացքի ներքո ողջ քարվանսարան խաղաքարտե տնակի նման փուլ էր եկել։

— Դրանք Վուլֆշայմի ծանոթներն էին, որոնց նա ուզում էր օգնել։ Բոլորն էլ մի ընտանիքից են, քույր ու եղբայր են։ Մի ժամանակ հյուրանոց են ունեցել։

― Պարզ է։

Նա ինձ զանգում էր Դեյզիի խնդրանքով, թե արդյոք հաջորդ օրը կգնայի՞ նրանց տուն ճաշի, օրիորդ Բեյքերն էլ էր այնտեղ լինելու։ Կես ժամ անց Դեյզին ինքը զանգահարեց և ուրախացավ, որ գալիս եմ։ Ինչ-որ բան էր նախապատրաստվում։ Սակայն չէի պատկերացնում, որ նրանք այդ առիթը օգտագործելու էին նման տեսարանի համար, հատկապես այն սրտաճմլիկ տեսարանի, որը Գեթսբին անցած երեկո պատկերել էր այգում։

Սարսափելի շոգ օր էր, ամառվա վերջին տաք օրերից մեկը։ Երբ գնացքը դուրս եկավ թունելից դեպի արևալույսը, միայն «Ազգային Բիսկվիտ Ընկերության» շչակներ էին խախտում միջօրեի շիկացած անդորրը։ Ծղոտե նստատեղերը բոցավառվելու վրա էին․ սպիտակ վերնաշապիկով հարևանուհիս, քրտինքի մեջ կորած, հուսահատ տնքոցով ետ ընկավ, երբ նրա ձեռքի լրագիրը խոնավացավ մատների մեջ։ Սրա վրա նրա պայուսակը գլորվեց հատակին։

― Ա՜խ, տեր աստված,— հևաց նա։

Ես հոգնատանջ կռացա բարձրացնելու և ծայրից բռնած, հնարավորին չափ հեռվից, մեկնեցի տիրոջը՝ ցույց տալու, որ մտադրություն չունեմ յուրացնելու այն, բայց շուրջս եղողները, այդ թվում նաև պայուսակի տերը, կասկածեցին ինձ։

― Շոգ է,— ծանոթ դեմքեր տեսնելով՝ ասաց տոմսավաճառը։— Այս ինչ օր է։ Շոգ է... Շոգ... Շոգ... Չե՞ք շոգում... Իսկ դու՞ք։

Իմ մշտական տոմսի վրա նա ձեռքի երկու մատնահետք թողեց։ Այս շոգին չես տարբերի, թե ում վառվող շրթունքներին կհպվես, ում գլուխը կխոնավացնի վերնաշապկիդ ձախ կրծքի գրպանը։

... Երբ Բյուքենենների տան դռան առաջ Գեթսբիի հետ կանգնած սպասում էինք, թեթև քամին մեզ հասցրեց նախասրահում հնչող հեռախոսազանգը։

― Տանտիրոջ դիակը,— բղավում էր ծառան լսափողի մեջ։— Ցավում եմ, տիկին, բայց մենք չենք կարող հագցնել մարմինը․ ով է այս շոգին մեռելին ձեռք տալիս։

Իրականում նա ասում էր․

― Այո... լսում եմ․․․ հիմա կհարցնեմ։

Նա ցած դրեց լսափողը և ընդառաջ եկավ վերցնելու մեր ծղոտե գլխարկները․ նրա դեմքը թեթևակի պսպղում էր յուղից։

― Տիկինը ձեզ սպասում է հյուրասենյակում,— ասաց նա՝ ցույց տալով ճանապարհը, որի կարիքն ամենևին չէր զգացվում։ Այսպիսի շոգին յուրաքանչյուր ավելորդ շարժում կենսական ուժերի վատնում էր նշանակում։

Լուսամուտները վարագուրված էին՝ քաթանով, որի շնորհիվ սենյակում կիսախավար էր ու զով։

Դեյզին ու Ջորդանը արծաթյա կուռքերի նման փռվել էին հսկայական թախտին՝ իրենց ճերմակ զգեստների քղանցքները բռնած, որպեսզի բզզացող օդափոխիչները չթռցնեին։

― Տեղներիցս շարժվել չենք կարող,— միաբերան ասացին։

Ջորդանի դիմափոշի քսած արևահար մատները մի պահ հանգչեցին ափիս մեջ։

― Իսկ որտե՞ղ է պարոն Թոմաս Բյուքենենը՝ հայտնի մարմնամարզիկը,— հետաքրքրվեցի։

Եվ անմիջապես նախասրահից լսվեց նրա խռպոտ, խուլ ձայնը, հեռախոսով խոսելիս։

Ալ կարմիր գորգի մեջտեղում կանգնած Գեթսբին շլացած դիտում էր շուրջը։ Դեյզին նայեց նրան ու ծիծաղեց իր քաղցր, հուզիչ ծիծաղով, և նրա կրծքից դիմափոշու մի ամպիկ բարձրացավ։

― Ասում են, Թոմը սիրուհու հետ է խոսում,— շշնջաց Ջորդանը։

Մենք լռեցինք։ Նախասրահում ձայնը գրգռված բարձրացավ։

― Ահա թե ինչ, ուրեմն էլ չեմ վաճառի քեզ իմ մեքենան... ես ոչ մի պարտավորություն չունեմ քո հանդեպ․․․ Իսկ ինձ բոլորովին դուր չի գալիս, որ ճաշի Ժամանակ զանգահարում ու խանգարում են մարդկանց...

― Հեռախոսափողը ձեռքով ծածկեց,— արհամարհանքով ասաց Դեյզին։

― Իզուր ես այդպես մտածում;— հավատացրի նրան։— Նա ուզում է մեքենան վաճառել։ Ես պատահմամբ լսել եմ այդ մասին։

Թոմը չրխկոցով բացեց դուռը։ Մի պահ նրա հաստ մարմինը գծագրվեց բաց տարածության մեջ, ապա արագ ներս մտավ։

― Պարոն Գեթսբի,— լավ քողարկած անբարյացակամությամբ նա մեկնեց լայն տափակ ձեռքը։— Ուրախ եմ, որ եկել եք․․․ նիք․․․

― Մեզ սառը բան տուր խմելու,— բարձրաձայն ասաց Դեյզին։

Երբ Թոմը դուրս գնաց, Դեյզին ոտքի ելավ, մոտեցավ Գեթսբիին, երեսը մոտեցրեց ու համբուրեց շուրթերը։

― Գիտես, որ քեզ սիրում եմ,— մրմնջաց նա։

― Մոռանում ես, որ այստեղ կին կա,— ասաց Ջորդանը։

Դեյզին կասկածանքով նայեց շուրջը։

― Իսկ դու էլ Նիքին համբուրիր։

― Անամոթի մեկը։

― Ինչ անեմ,— գոչեց Դեյզին ու սկսեց դոփել հատակը կղմինդրե բուխարու առջև։ Հետո հանկարծ հիշեց շոգն ու մեղավոր տեսքով նստեց թախտին, և հենց այդ պահին ներս մտավ օսլայած դայակը՝ փոքրիկ աղջկա ձեռքից բռնած։

― Իմ անուշիկ աղջիկ,— թևերը պարզելով ղունղունաց Դեյզին։— Արի ինձ մոտ, ես քեզ շատ եմ սիրում։

Երեխան, որի ձեռքը թողեց դայակը, վազ տվեց սենյակով մեկ և ամաչկոտ թաքնվեց մոր հագուստի ծալքերի մեջ։

― Իմ պստլիկ աղջիկ։ Մաման չկեղտոտեց քո շեկլիկ մազերը։ Ապա ուղիղ կանգնիր ու ասա. «Բարև ձեզ»։

Ես ու Գեթսբին հերթով առաջ թեքվեցինք ու սեղմեցինք դժկամությամբ առաջ մեկնած փոքրիկ ձեռքը։ Գեթսբին աչքը չէր կտրում նրանից։ Ըստ երևույթին նոր միայն հավատաց, որ երեխան գոյություն ունի։

― Ես հագնվել եմ, բայց դեռ չեմ ճաշել,— փոքրիկը իսկույն դարձավ մոր կողմը։

― Որովհետև մայրիկն ուզում էր քեզ ցույց տալ իր ընկերներին,— Դեյզին դեմքը հպեց պստլիկի վզի միակ ծալքին։— Դու իմ հրաշքն ես, հրաշքը, իսկական հրաշք։

― Այո,— հանգիստ ընդունեց երեխան։— Ջորդան մորաքույրն էլ է սպիտակ շոր հագել։

― Քեզ դուր գալի՞ս են մայրիկի ընկերները,— Դեյզին շրջեց աղջկա դեմքը դեպի Գեթսբին։— Նրանք սիրո՞ւն են։

― Հայրիկն ո՞ւր է։

― Նա նման չէ հորը,— բացատրեց Դեյզին։― Ինձ է նման։ Մազերն իմն են, դեմքի ձևը՝ նույնպես։— Դեյզին ետ ընկավ թախտին։ Դայակը մոտեցավ, մեկնեց ձեռքը։

― Գնացինք, Փեմմի։

― Ցտեսություն, քաղցրս։

Դժգոհ հայացքը ետ հառած՝ լավ դաստիարակված երեխան բռնեց դայակի ձեռքը, և նրանք դուրս գնացին սենյակից այն պահին, երբ կրկին երևաց Թոմը, իսկ նրա ետևից գինով լի չորս բաժակ, ուր շխկշխկում էր սառույցը։

Գեթսբին վերցրեց մեկը։

― Իրոք զովացուցիչ տեսք ունեն,— նկատելի լարվածությամբ աnաց նա։

Մենք խմեցինք ագահորեն, երկար կումերով։

― Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ արևը գնալով տարեցտարի տաքանում է,— ուրախ ասաց Թոմը։— Եվ երկիրը, երևի, շուտով կընկնի արևի վրա, կամ էլ․․․ չէ, հակառակը, արևը գնալով տարեցտարի սառչում է։

― Եկ դուրս գնանք,— քիչ անց դիմեց Գեթսբիին։— Ես ուզում եմ ձեզ ցույց տալ տունս։

Ես նրանց հետ միասին պատշգամբ ելա։ Սաունդ գետի կանաչավուն ջուրը տոթից անշարժացել էր․ մի փոքրիկ առագաստանավ դանդաղ սողում էր դեպի բաց ծովի զովությունը։ Գեթսբիի աչքերը մի պահ հետևեցին նավին, ապա բարձրացրեց ձեռքը և ցույց տվեց ծովածոցի մյուս կողմը։

― Իմ տունը ուղիղ դիմացն է։

― Ըհը՛։

Մեր հայացքը սահեց վարդաթմբերի, շիկացած սիզամարգի և ափով մեկ տարածված խանձված մոլախոտերի վրայով։ Նավի ճերմակ առագաստները դանդաղ շարժվում էին դեպի երկնքի զով կապույտ սահմանագիծը։ Ավելի այն կողմ ատամնավոր ափագծով օվկիանում ցրված էին բազմաթիվ երանավետ կղզիներ։

― Լավ սպորտ է,— գլուխը տմտմբացրեց Թոմը։— Դեմ չէի լինի մի ժամ զբոսնել դրանով։

Ճաշասենյակը, ուր նսաեցինք ճաշի, նույնպես մթնեցրած էր, և մենք փորձում էինք մեր նյարդային ուրախությունը սանձել գարեջրով։

― Իսկ երեկոն ինչպե՞ս անցկացնենք,— բացականչեց Դեյզին։— Իսկ վա՞ղը, իսկ հաջորդ երեսուն տարինե՞րը։

― Տխուր բաների մասին մի խոսիր,— ասաց Ջորդանը։— Աշնան ցրտերի հետ կյանքը վերսկսվում է։

— Բայց հիմա այնքան շոգ է,— Դեյզին պատրաստ էր արտասվելու,— և ամեն ինչ այնքան խառնաշփոթ։ Եկեք բոլորս գնանք քաղաք։

Դեյզիի ձայնը պայքարում էր շոգի դեմ, բախվում նրան, աշխատում իմաստավորել նրա անհեթեթությունը։

― Ես լսել եմ, թե ինչպես են ձիանոցը գարաժի վերածում,— ասում էր Թոմը Գեթսբիին,— բայց ես առաջինն եմ, որ գարաժը ձիանոցի եմ վերածել։

― Ո՞վ է ուզում քաղաք գնալ,— համառեց Դեյզին։ Գեթսբիի աչքերը ուղղվեցին Դեյզիի կողմը։— Ա՜խ,— գոռաց Դեյզին։— Դուք կարծես չեք շոգում։

Նրանց հայացքները հանդիպեցին և մնացին գամված․ նրանք մեն-մենակ էին տիեզերքում։ Դեյզին ճիգով աչքերը խոնարհեց։

― Դուք երբեք չեք շոգում,— ասաց Դեյզին։

Նա Գեթսբիին սիրո խոստովանություն արեց, և Թոմ Բյուքենենը հասկացավ։ Նա ապշեց։ Բերանը փոքր֊ինչ բացած նայեց Գեթսբիին, հետո կրկին Դեյզիին՝ ասես հենց նոր հանձին նրա գտավ իր հին ծանոթին։

― Դուք հիշեցնում եք ազդերի վրայի մարդկանց,— անմեղորեն ասաց Դեյզին Գեթսբիին։— Գիտեք, չէ՞, ազդերի վրա ինչպիսի մարդկանց են պատկերում։

― Դե լավ, գնացինք,— արագ ընդմիջեց Թոմը։— Ես ուզում եմ գնալ քաղաք։ Գնացինք։ Բոլորս էլ գնում ենք։

Նա ոտքի ելավ՝ ցասումնալից հայացքներ նետելով մերթ Գեթսբիի, մերթ՝ կնոջ վրա։ Ոչ ոք չշարժվեց տեղից։

― Դե, գնացինք,— նա հազիվ էր զսպում իրեն։— Ի՞նչ է պատահել։— Գնո՞ւմ ենք քաղաք, թե ոչ։ Շարժվեցինք։

Ինքնատիրապետման ճիգից դողդողացող ձեռքով նա վերջին բաժակ գարեջուրը մոտեցրեց շրթունքներին։ Դեյզիի ձայնը մեզ ոտքի հանեց և տարավ դուրս՝ դեպի ճռճռան շոգից փայլատակող մանրախճով պատած ճանապարհը։

― Հենց այսպես անմիջապես գնո՞ւմ ենք,— բողոքեց Դեյզին։— Հենց այսպե՞ս, առանց ծխելու։

― Բոլորս էլ ծխեցինք ճաշի ժամանակ։

― Եկ ուրախանանք։ Այս շոգին մի փչացրու մարդկանց տրամադրությունը,— համոզում էր Դեյզին։

Թոմը չպատասխանեց։

― Ինչպես ուզում ես,— ասաց Դեյզին։— Գնացինք, Ջորդան։

Նրանք բարձրացան վերև իրենց կարգի բերելու, իսկ մենք, երեքով, կանգնած շիկացած խճաքարերի վրա, դոփում էինք տեղում։ Երկնքում լուսնի արծաթյա մահիկն արդեն կախվել էր արևմտյան երկնակամարում։ Գեթսբին ցանկացավ խոսել, բայց միտքը փոխեց, իսկ Թոմը, նրան դարձած, սպասողական նայում էր։

― Զեր ձիանոցը մոտերքու՞մ է,— ճիգով հարցրեց Գեթսբին։

― Հեռու չէ։ Մոտ քառորդ մղոն կլինի։

― Հը՛մ։

Դադար։

― Չեմ հասկանում, ինչ իմաստ ունի քաղաք գնալը,— պոռթկաց Թոմը։— Միայն կանայք կարող են նման մտքեր ունենալ...

― Խմելու բան տանե՞նք,— գոռաց Դեյզին վերևից։

― Վիսկի կվերցնեմ։— Թոմը ներս գնաց։

Գեթսբին մռայլ դարձավ ինձ։

― Ես այս տանը չեմ կարողանում խոսել, բարեկամ։

― Դեյզին անխոհեմ ձայն ունի,— ասացի ես։— Այն լի է․․․― վարանելով շարունակեցի։

― Նրա ձայնի մեջ զրնգում է դրամը,— հանկարծ ասաց նա։

Ահա թե ինչ։ Երբեք նախկինում ես դա չէի հասկացել։ Նրա ձայնի մեջ զրնգում է դրամը․․․ դա էր նրա ձայնի անդիմադրելի հմայքը, որ մերթ ուժեղանում էր, մերթ թուլանում, ղողանջում, հնչեցնում ծնծղաների երգ․․․ Բարձրաբերձ ճերմակ պալատում արքայադուստրը՝ ոսկեհեր աղջիկը․․․

Թոմը դուրս եկավ տնից՝ ձեռքին սրբիչի մեջ փաթաթած քառորդ լիտրանոց մի շիշ, իսկ ետևից՝ Դեյզին ու Ջորդանը՝ փոքրիկ դիպակե գլխարկներ դրած, թևներին՝ թեթև թիկնոցներ։

Մենք բոլորս կարող ենք իմ մեքենայում տեղավորվել,— առաջարկեց Գեթսբին։ Նա շոշափեց նստոցի կանաչ կաշին։— Իզուր ստվերում չթողեցի։

― Արագությունը սովորական ձևո՞վ է փոխվում,— հարցրեց Թոմը

― Այո։

― Դե, ուրեմն դուք նստեք իմ մեքենան, իսկ ես՝ ձերը։

Առաջարկը, տհաճություն պատճառեց Գեթսբիին։

― Բենզինը քիչ է,— առարկեց նա։

― Քիչ չէ,— լկտիաբար ասաց Թոմը։ Եվ նայեց հաշվիչին։— Իսկ եթե վերջանա, կանգ կառնեմ դեղատան առաջ։ Մեր օրերում ամեն ինչ կարող ես գնել դեղատանը։

Առերևույթ անմեղ այս դիտողությանը հաջորդեց լռություն։ Դեյզին խոժոռ նայեց Թոմին։ Գեթսբիի դեմքի վրայով անցավ որոշակիորեն անծանոթ և տարտամորեն ծանոթ անորսալի մի արտահայտություն, որն ասես բառերի վերածվելով՝ հասկանալի դարձավ ինձ։

― Գնացինք, Դեյզի,— Թոմը հրեց կնոջը դեպի Գեթսբիի մեքենան։

— Ես քեզ ման կածեմ այս կրկեսային կառքով։

Թոմը բացեց դուռը, բայց Դեյզին դուրս պրծավ նրա թևի տակից։

― Դու Նիքին ու Ջորդանին տար, իսկ մենք կգնանք մյուս մեքենայով։

Նա մոտեցավ Գեթսբիին, ձեռքը դրեց նրա արմունկին։ Ջորդանը, Թոմը և ես նստեցինք Գեթսբիի մեքենայի առաջամասում։

Թոմը փորձառու կերպով սեղմեց անծանոթ լծակները, և մենք՝ ճեղքելով կիզիչ օդը, առաջ սլացանք՝ ետևում թողնելով նրանց։

― Տեսա՞ր,— հարցրեց Թոմը։

― Ի՞նչը։

Նա թափանցող հայացքով նայեց ինձ և հասկացավ, որ Ջորդանը ու ես վաղուց գիտեինք այդ մասին։

― Դուք կարծում եք, ես հիմար եմ,— ասաց նա։— Կարող է պատահել, բայց ես ունեմ․․․ ինչպես ասեմ, մի երկրորդ տեսողություն, որն ինձ թելադրում է, թե ինչ անել։ Գուցե, դուք չեք հավատում նման բաների, բայց գիտությունը․․․

Նա կանգ առավ։ Անառարկելի իրականությունը ինքն իրեն զգացնել տվեց, ետ քաշեց նրան իմաստակումների անդունդի եզրից։

― Ես որոշ տեղեկություն եմ հավաքել այդ թռչնակի մասին,— շարունակեց նա։— Եվ ավելի շատ բան կիմանայի, եթե․․․

— Ուզում ես ասել գուշակողի մո՞տ ես գնացել,— կծեց Ջորդանը։

― Ի՞նչ,— նա շփոթված աչքերը հառեց մեզ, երբ մենք սկսեցինք ծիծաղել։— Գուշակո՞ղ։

― Այո, Գեթսբիի համար։

― Գեթսբիի համար։ Այդ էր պակաս։ Ասում եմ, որոշ տեղեկություն եմ հավաքել նրա անցյալի մասին։

― Եվ պարզեցիր, որ Օքսֆորդում է սովորել,— պատրաստակամ ասաց Ջորդանը։

― Օքսֆորդո՞ւմ։— Թոմը չհավատաց։— Սատանան գիտի, թե նա ով է։ Վարդագույն շորերով է ման գալիս։

― Ինչ որ է, նա Օքսֆորդում է սովորել։

― Օքսֆորդ, որը Նյու Մեքսիկո նահանգում է գտնվում,— արհամարհանքով փռթկացրեց Թոմը։— Կամ էլ մի ուրիշ տեղ։

― Լսիր, Թոմ, եթե դու այդպիսի ցուցամոլն ես, ապա ինչու ես նրան ճաշի հրավիրել,— բարկացավ Ջորդանը։

― Դեյզին է հրավիրել։ Նա նրան ճանաչել է մեր ամուսնությունից առաջ։ Աստված գիտե, թե որտեղ են ծանոթացել։

Մենք բոլորս հիմա արդեն գրգռված էինք գարեջրի անհետացող ազդեցությունից և, գիտակցելով այդ, լռեցինք միառժամանակ։ Հետո ճամփին, առջևում երևացին բժիշկ Թ․ Ջ․ Էքլբերդի խունացած աչքերը, և ես հիշեցի Գեթսբիի նախազգուշացումը բենզինի մասին։

― Քաղաք կհասցնի,— ասաց Թոմը։

― Բայց այստեղ մոտերքում գարաժ կա,— հակառակեց Ջորդանը։— Ես չեմ ուզում շոգին ճամփի կեսին կանգ առնել։

Թոմը բարկացած արգելակեց, և մենք կտրուկ շրջվեցինք դեպի Վիլսոնի ցուցանակի տակի փոշոտ տարածությունը։ Քիչ անց հայտնվեց տերը իր հաստատության դռանը և անմիտ հայացքը հառեց մեքենային։

― Բենզին լցրու,— կոպիտ գռռաց Թոմը։— Չե՞ս հասկանում, ինչ է, թե՞ կարծում ես, եկել ենք տեսարանովդ հիանալու։

― Հիվանդ եմ,— առանց տեղից շարժվելու ասաց Վիլսոնը։— Ամբողջ օրը հիվանդ եմ եղել։

― Ի՞նչ է պատահել։

― Մի տեսակ թուլություն եմ զգում։

― Ինքս լցնե՞մ,— հարցրեց Թոմը։— Հեռախոսով ձայնդ առողջ էր հնչում։

Վիլսոնը ոտքը դուրս դրեց, ըստ երևույթին նրա համար դժվար էր դռան հենարանից ու հովից զրկվելը, և ծանր շնչելով բացեց բենզինի բաքի կափարիչը։ Նրա դեմքը արևի լույսի տակ կանաչ էր։

― Ես չէի ուզում խանգարել ձեր ճաշը,— ասաց նա,— բայց փողի կարիք ունեմ և ուզում էի իմանալ, թե ինչ ես արել հին մեքենադ։

― Իսկ սա դուրդ գալի՞ս է,— հարցրեց Թոմը։— Անցյալ շաբաթ եմ գնել։

― Լավն է,— Վիլսոնը ձգվեց դեպի բռնակը։

― Կուզենայի՞ր գնել։

― Ձեռ ես առնում,— թույլ ժպտաց Վիլսոնը։— Չէ, ավելի լավ է, հին մեքենադ ծախես ինձ, մի քիչ փող աշխատեմ։

― Իսկ փողն այդքան շտապ ինչի՞դ է պետք։

― Ուզում եմ մեկնել։ Երկար մնացինք այստեղ։ Ես ու կինս ուզում ենք գնալ Արևմուտք։

― Կինդ ուզում է գնա՞լ,— բացականչեց Թոմը անակնկալի եկած։

― Տասը տարի է այդ մասին է խոսում,— նա մի պահ հենվեց պոմպին, ձեռքին հովանի անելով աչքերին։— Եվ հիմա գնում է, անկախ նրանից՝ ուզում է թե ոչ։ Ես նրան տանում եմ։

Փոշու ամպ բաց թողնելով՝ երկտեղ մեքենան սլացավ մեր կողքից, և մենք տեսանք ինչ-որ մեկի ձեռքի թափահարումը։

― Ինչքա՞ն պիտի տամ,— կտրուկ հարցրեց Թոմը։

― Վերջերս ինչ֊որ բան եմ լսել,— իմիջիայլոց ասաց Վիլսոնը։— Այդ պատճառով էլ ուզում եմ մեկնել։ Դրա համար էի քեզ զանգել։

― Ինչքա՞ն պիտի տամ։

― Քսան դոլար։

Շոգի անխնա հարվածներից գլխումս խառնաշփոթ էր և մի քանի անդուր վայրկյաններ անցան, նախքան գլխի կընկնեի, որ նրա կասկածները դեռևս Թոմի վրա չէին կենտրոնացել։ Նա հայտնաբերել էր, որ Միրթլը այլ կյանք ուներ իրենից զատ, մի ուրիշ աշխարհում, և դրանից էլ հիվանդացել էր։ Ես նայեցի նրան, հետո Թոմին, որի զուգահեռ հայտնագործությունից մի ժամ անգամ չէր անցել, և հասկացա, որ մարդկանց մտավոր և ցեղային խտրությունը չի կարող համեմատվել հիվանդի ու առողջի միջև եղած ահավոր տարբերության հետ։ Վիլսոնն այնքան հիվանդ էր, որ հանցավոր տեսք ուներ, աններելի հանցանք գործած մարդու տեսք, ասես հենց նոր անմեղ աղջկա հղիացրել էր։

― Լավ, ես կծախեմ մեքենան,— ասաց Թոմը,— վաղը ցերեկը կուղարկեմ։

Այդ վայրը ինձ միշտ տարտամ վախ էր պատճառել, նույնիսկ օրը ցերեկով, և այժմ ակամա շրջեցի գլուխս, կարծես ինչ֊որ վտանգ կանխազգալով։ Խարամի կույտերի վրայից բժիշկ Թ․ Ջ․ Էքլբերգի հսկայական աչքերը անթարթ մեզ էին նայում, սակայն շուտով գլխի ընկա, որ քիչ հեռու ուրիշ աչքեր էին մեզ դիտում։

Գարաժի վրայի պատուհաններից մեկի վարագույրը թեթևակի մի կողմ էր քաշված, և Միրթլ Վիլսոնը նայում էր ցած՝ մեր մեքենային։ Կլանված՝ նա գաղափար անգամ չուներ, որ իրեն դիտող կա, նրա դեմքի վրա մեկը մյուսին էին հաջորդում զգացմունքները՝ դանդաղ երևակվող լուսանկարի առարկաների նման։ Նման արտահայտություն հաճախ եմ տեսել կանանց դեմքերին, բայց Միրթլ Վիլսոնի դեմքին այն անհասկանալի ու անբացատրելի էր թվում, մինչև գլխի ընկա, որ նրա՝ խանդի սարսափից լայն բացված աչքերը ուղղված էին ոչ թե Թոմին, այլ Ջորդան Բեյքերին, որին Թոմի կնոջ տեղն էր դրել։

*  *  *



Պարզամիտ ուղեղի խառնաշփոթության նման խառնաշփոթություն չկա։ Թոմը վարում էր մեքենան, ասես տագնապի շիկացած մտրակների տարափի տակ։ Նրա կինն ու սիրուհին, որ մի ժամ առաջ ապահով ու անձեռնմխելի էին, այժմ աճապարանքով դուրս էին սպրդում իր տնօրինությունից։ Նա ոտքը դրեց արագացուցիչի վրա՝ Դեյզիին հասնելու և Վիլսոնից հեռանալու կրկնակի բնազդով, և մենք սլացանք Ժամում հիսուն մղոն արագությամբ դեպի Ասթորիա, մինչև որ վերգետնյա ճանապարհի երկաթասյուների սարդոստայնի մեջ տեսանք անշտապ ընթացող կապույտ մեքենան։

— Հիսուներորդ փողոցի մեծ կինոսրահներում զով է,— ասաց Ջորդանը։— Ես սիրում եմ Նյու Յորքը ամռան օրերին, երբ մարդիկ բացակայում են քաղաքից։ Ինչ-որ զգայական, չափից դուրս հասուն բան կա դրանում, ասես, ձեռքդ երկարելուն պես բոլոր տեսակի արտասովոր մրգերը կընկնեն ափիդ մեջ։

«Զգայական» բառը հետագա անհանգստության առիթ հանդիսացավ Թոմի համար, բայց նախքան կհասցներ որևէ բան հորինել հակառակելու, կապույտ մեքենան կանգ առավ, և Դեյզին մեզ նշան արեց մոտենալու։

― Իսկ հիմա ո՞ւր,— գոռաց նա։

― Երևի կինո։

― Շոգ է,— ծոր տվեց Դեյզին։— Դուք գնացեք, իսկ մենք մի քիչ կզբոսնենք ու հետո ձեզ կհանդիպենք։— Նա ճիգ արեց կատակելու։— Կժամադրվենք անկյունում։ Ես կլինեմ տղամարդը՝ բերանիս երկու ծխախոտ դրած։

― Այստեղ խոսելու տեղը չէ,— լսելով բեռնատարի զայրացած ազդանշանը, սրտնեղեց Թոմը։— Եկեք իմ ետևից՝ կենտրոնական զբոսայգու հարավային մուտքի մոտ՝ «Փլացա» հյուրանոցի դիմաց։

Ապա մի քանի անգամ շրջվեց, տեսնելու, թե արդյոք կապույտ մեքենան գալիս է իր ետևից, և եթե երթևեկության պատճառով նրանք դանդաղում էին, Թոմը նույնպես հապաղում էր, մինչև որ նորից հայտնվեին իր տեսադաշտում։ Ինձ թվում է, նա վախենում էր, որ նրանք կթեքվեն կողքի փողոցն ու ընդմիշտ կանհետանան իր կյանքից։

Բայց նրանք չթեքվեցին։ Եվ մենք բոլորս անբացատրելի որոշում ընդունեցինք՝ «Փլացա» հյուրանոցում լյուքս համար վերցնել։

Երկարատև ու աղմկալի վիճաբանությունը, որն ավարտվեց մեզ սենյակ քշելով, չի տպավորվել հիշողությանս մեջ, չնայած պարզ հիշում եմ, որ այդ ամբողջի ընթացքում ներքնաշորերս լպրծուն օձի նման գալարվում էին ոտքերիս շուրջ, և մերթընդմերթ քրտինքի սառը կաթիլներ էին գլորվում մեջքովս վար։ Ամեն ինչ սկսվեց Դեյզիի այն առաջարկից, որ վարձենք հինգ լողասենյակ և սառը լոգանք ընդունենք, իսկ քիչ անց խոսք գնաց «անանասի օշարակ խմելու տեղի» մասին։ Մեզանից յուրաքանչյուրը շարունակ կրկնում էր՝ «Խելացնոր միտք է», բոլորս միաբերան խոսում էինք ապշած աշխատողի հետ և կարծում՝ կամ ձևացնում, որ այդ ամենը մեզ անասելի հաճույք է պատճառում․․․

Սենյակը ընդարձակ էր ու հեղձուցիչ, և չնայած արդեն ժամը չորսն էր, պատուհանները բանալուն պես, այգուց շիկացած կանաչի հոսանքը ներս խուժեց, Դեյզին մոտեցավ հայելուն և, մեջքը դեպի մեզ արած, սկսեց հարդարել մազերը։

― Շքեղ սենյակ է,— ակնածանքով ասաց Ջորդանը, և բոլորս ծիծաղեցինք։

― Մյուս պատուհանն էլ բաց,— առանց շրջվելու կարգադրեց Դեյզին։

― Էլ չկա։

― Դե որ այդպես է, զանգենք կացին բերեն․․․

― Ավելի լավ է՝ չխոսենք շոգի մասին,— բարկացավ Թոմը։— Իսկ դու անընդհատ ասում ես՝ շոգ է, շոգ է, դրանից հազար անգամ ավելի ես շոգում։

Նա սրբիչից հանեց վիսկիի շիշը ու դրեց սեղանին։

― Ինչո՞ւ եք նրան մեղադրում, բարեկամ,— նկատեց Գեթսբին։

— Դուք ինքներդ էիք ուզում քաղաք գալ։

Լռություն տիրեց։ Հանկարծ հեռախոսագիրքը պոկվեց մեխից ու ընկավ հատակին, որի վրա Ջորդանը շշնջաց․ «Ներեցեք, խնդրեմ», բայց այս անգամ ոչ մեկը չծիծաղեց։

― Ես կբարձրացնեմ,— ասացի։

― Ես ինքս,— Գեթսբին զննեց պոկված կապիչը, ապա հետաքրքրությամբ «հըմ» արեց ու շպրտեց աթոռին։

― Իսկ առանց ձեր այդ նշանավոր խոսքի հնարավոր չէ՞,— կտրուկ հարցրեց Թոմը։

― Ի՞նչ խոսք։

― Դե այդ «բարեկամ» բառը, որ շարունակ կրկնում եք։ Որտեղի՞ց եք ճարել։

― Լսիր, Թոմ,— Դեյզին հեռացավ հայելուց,— եթե դու պատրաստվում ես մարդկանց վիրավորել, ես մի վայրկյան անգամ չեմ մնա այստեղ։ Զանգիր, ասա, թող սառույց բերեն անանուխի օշարակի համար։

Երբ Թոմը բարձրացրեց լսափողը, սմքած շոգը ձայնի վերածվեց, իսկ ներքևի պարասրահից մեզ հասան Մենդելսոնի հարսանեկան քայլերգի հանդիսավոր հնչյունները։

― Պատկերացնում եք՝ այս շոգին ամուսնանալ,— հուսահատ գոչեց Ջորդանը։

― Ինչ կա որ, ես ինքս ամուսնացա հունիսի կեսին,— հիշեց Դեյզին։— Լուիսվիլը՝ հունիսին։ Ինչ֊որ մեկը նույնիսկ ուշագնաց եղավ։ Ո՞վ էր դա, Թոմ։

― Բիլոքսին,— կարճ պատասխան տվեց Թոմը։

― Այո, այո, Բիլոքսի անունով մեկը։ Բլոքս Բիլոքսին Բիլոքսի քաղաքից, որը բոքս էր խաղում։

― Հետո նրան մեզ մոտ բերեցին,— ձայնակցեց Ջորդանը,— որովհետև մենք եկեղեցուց երկու տուն այն կողմ էինք ապրում, և նա երեք շաբաթ մնաց մեր տանը, մինչև հայրիկն ասաց, որ արդեն նրա գնալու ժամանակն է։ Հաջորդ օրը հայրիկը մահացավ։— Ապա մի պահ լռելուց հետո ավելացրեց, մտածելով, որ իր խոսքերը անհարգալից հնչեցին։— Մեկը մյուսի հետ ոչ մի առնչություն չուներ։

― Ես ճանաչում էի Բիլ Բիլոքսի անունով մեկին, բայց նա Մեմֆիս քաղաքից էր,— մտաբերեցի ես։

― Նրա զարմիկն է։ Ես նրա ամբողջ ընտանիքի պատմությունը գիտեմ։ Նա ինձ նվիրեց գոլֆի ալյումինե մականներ, որոնք մինչև օրս օգտագործում եմ։

Ներքևում երաժշտությունը դադարեց։ Սկսվեց ամուսնական ծիսակատարությունը, հետո մերթընդմերթ երկարատև ուրախալից շնորհավորանքներ հորդեցին մեր սենյակը։ Ի վերջո պոռթկաց ջազը, ազդարարելով պարերի սկիզբը․

― Ծերանում ենք,— ասաց Դեյզին,— եթե երիտասարդ լինեինք, վեր կկենայինք ու կպարեինք։

― Հիշիր Բիլոքսիին,— նախազգուշացրեց Ջորդանը։— Ո՞րտեղից գիտես նրան, Թոմ։

― Բիլոքսի՞ին,— ճիգով կենտրոնացավ Թոմը։— Ես նրան երբեք չեմ տեսել։ Նա Դեյզիի ծանոթն է։

― Ճիշտ չէ,— ժխտեց Դեյզին։— Ես նրան մինչև հարսանիքը չէի տեսել։ Նա ձեզ հետ եկավ Չիկագոյից։

― Այո, բայց նա ասաց, որ ճանաչում է քեզ։ Ասաց, որ մեծացել է Լուիսվիլում։ Ազա Բըրդը բերեց նրան վերջին րոպեին ու հարցրեց, թե նրա համար տեղ կգտնվի՞։

Ջորդանը քմծիծաղ տվեց.

― Նա հավանաբար ուզում էր ձրի տուն գնալ։ Իսկ ինձ ասաց, որ Յեյլում ձեր խմբի ավագն է եղել։

Ես ու Թոմը տարակուսանքով նայեցինք միմյանց։

― Բիլոքսի՞ն։

― Նախ և առաջ, մենք ավագ չունեինք․․․

Գեթսբին կոշիկի ծայրով կարճ, անհանգիստ տկտկացրեց հատակը։ Թոմը հանկարծ դիմեց նրան։

― Իմիջիայլոց, պարոն Գեթսբի, որքան գիտեմ, դուք Օքսֆորդն եք ավարտել։

― Մոտավորապես։

― Ա՜ա, հասկանում եմ։ Ուզում եք ասել, սովորել եք այնտեղ։

― Այո, սովորել եմ։

Դադար։ Ապա Թոմի ձայնը՝ հեգնական ու թերահավատ․

― Ըստ երևույթին, դա այն Ժամանակ էր, երբ Բիլոքսին Նյու Հեյվընում էր սովորում։

Կրկին դադար։ Մատուցողը բախեց դուռը, ներս բերեց մանրացրած սառույց ու անանուխի օշարակ, սակայն լռությունը չխախտվեց նրա շնորհակալությամբ և դռան մեղմ փակոցով։ Գեթսբիի կենսագրության այս կարևոր մանրամասնը պետք է վերջապես պարզվեր։

― Ես ձեզ ասացի, որ սովորել եմ այնտեղ։

― Այո, բայց ցանկալի է իմանալ երբ։

― 1919֊ին։ Միայն հինգ ամիս եմ դասի գնացել։ Ահա թե ինչու ես ինձ իսկական Օքսֆորդի սան չեմ կարող համարել։

Թոմը մեզ նայեց տեսնելու, թե արդյոք մենք կիսում ենք նրա թերահավատությունը, բայց բոլորիս հայացքը ուղղված էր Գեթսբիին։

― Զինադադարից հետո մի քանի սպաների տրվեց այդ հնարավորությունը,— շարունակեց Գեթսբին։— Մենք կարող էինք ընտրել Անգլիայի կամ Ֆրանսիայի ցանկացած համալսարանը։

Ես ցանկություն ունեցա վեր կենալու ու թփթփացնելու նրա մեջքին։ Վերստին նրա նկատմամբ համակվեցի բացարձակ հավատով, ինչպես բազմիցս եղել էր նախկինում։

Դեյզին ոտքի ելավ և հազիվ նկատելի ժպիտով մոտեցավ սեղանին։

― Բաց արա վիսկիի շիշը, Թոմ,— հրամայեց նա։— Ես քեզ համար անանուխի օշարակ կպատրաստեմ, որ քեզ այդքան հիմար չզգաս... Տես, անանուխն արդեն պատրաստ է։

― Սպասիր,— ֆշշացրեց Թոմը,— ես պարոն Գեթսբիին մեկ հարց էլ եմ ուզում տալ։

― Խնդրեմ,— քաղաքավարի ասաց Գեթսբին։

― Ինչ կռիվ եք պատրաստվում գցել իմ տան մեջ։

Վերջապես խոսակցությունը բացահայտ բնույթ կրեց, և Գեթսբին գոհ էր։

― Նա կռիվ չի գցում,— Դեյզիի հուսահատ հայացքը մեկից մյուսն անցավ։— Այդ դու ես կռիվ գցողը։ Խնդրում եմ, հավաքիր քեզ։

― Հավաքեմ ի՞նձ,— կատաղած կրկնեց Թոմը։— Քիչ հետո կասես, որ հանգիստ նստեմ ու նայեմ, թե ինչպես է Այնինչ քաղաքից եկած պարոն Այսինչը սիրաբանում կնոջս հետ։ Եթե դա է ուզածդ, հույսդ կտրիր։ Այսօր մարդիկ սկսել են ընտանեկան կյանքի ու նրա օրենքների դեմ դուրս գալ, իսկ վաղը ամեն ինչ տակնուվրա կլինի և կամուսնանան սևամորթների հետ։

Իր սեփական անմտությամբ ոգևորված, նա պատկերացնում էր իրեն՝ կանգնած մեն-մենակ քաղաքակրթության վերջին պատնեշին։

― Մենք այստեղ բոլորս էլ սպիտակ ենք,— ասաց Ջորդանը։

― Ես գիտեմ, որ այնքան էլ հանրածանոթ մարդ չեմ։ Շքեղ պարահանդեսներ չեմ տալիս։ Ինչպես երևում է, մեր օրերում տունդ խոզանոցի պիտի վերածես, որ ընկերներ ունենաս։

Ինչքան որ ես էի բարկացած, ինչքան որ բարկացած էին բոլորը, բայց և այնպես ծիծաղս գալիս էր ամեն անգամ, երբ Թոմը բացում էր բերանը։ Անառակից բարոյախոսի վերածվելը չափազանց ապշեցուցիչ էր։

― Ես ձեզ ասելիք ունեմ, բարեկամ․․․ — սկսեց Գեթսբին։

Դեյզին գուշակեց նրա միտքը։

― Ոչ, ոչ, պետք չէ,— վախեցած ընդհատեց նա։— Խնդրում եմ, գնանք տուն։ Եկեք բոլորս գնանք տուն։

― Ճիշտ որ։— Ես վեր ելա։— Գնացինք, Թոմ։ Ոչ ոք չի ուզում խմել։

― Ես ուզում եմ իմանալ, թե պարոն Գեթսբիի ասելիքն ինչ է։

― Զեր կինը չի սիրում ձեզ,— ասաց Գեթսբին։— Նա ձեզ երբեք չի սիրել։ Նա ինձ է սիրում։

― Գժվե՞լ եք, ինչ է,— մեքենայաբար գոչեց Թոմը։

Գեթսբին ոտքի ցատկեց՝ հուզումից աշխուժացած։

― Նա ձեզ երբեք չի սիրել, լսո՞ւմ եք,— գոռաց նա։— Նա ձեզ հետ ամուսնացել է միայն նրա համար, որովհետև ես աղքատ էի, իսկ նա հոգնել էր սպասելուց։ Դա ահավոր սխալ էր, բայց սրտի խորքում նա երբեք ինձնից բացի ոչ մեկին չի սիրել։

Ես ու Ջորդանը փորձեցինք գնալ, բայց Թոմն ու Գեթսբին մեկը մյուսից ավելի համառ պնդեցին, որ մնանք, ասես նրանցից ոչ մեկը մեզնից թաքցնելու բան չուներ և արտոնություն էր տվել մեզ հաղորդակից լինելու իրենց բուռն զգացմունքներին։

― Նստիր, Դեյզի,— Թոմը անհաջող փորձ արեց ձայնին հայրական երանգ տալու։— Ի՞նչ է կատարվում։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ։

— Ես ձեզ ասացի, թե ինչ է կատարվում,— պատասխանեց Գեթսբին։― Հինգ տարի է նույն բանն է կատարվում, իսկ դուք գաղափար անգամ չունեք։

Թոմը կտրուկ շրջվեց դեպի Դեյզին։

― Դու սրա հետ հինգ տարի շարունակ հանդիպո՞ւմ էիր։

― Ոչ, չէինք հանդիպում,— ասաց Գեթսբին։— Մենք հանդիպել չէինք կարող։ Բայց ամբողջ ժամանակ սիրում էինք միմյանց, բարեկամ, և դուք ոչինչ չգիտեիք։ Ես երբեմն մտածում էի, որ դուք չգիտեք այդ մասին, և ծիծաղս գալիս էր։— Բայց նրա աչքերը չէին ժպտում։

― Ա՞յդ է բոլորը,— Թոմը քահանայի նման միացրեց իր հաստ մատները ու հենվեց աթոռին։— Դուք խելագար եք,— պոռթկաց նա։— Չգիտեմ, թե ինչ է եղել հինգ տարի առաջ, որովհետև ես այն ժամանակ չէի ճանաչում Դեյզիին, և սպանես՝ չեմ կարող ասել, թե ինչպես եք ընդհանրապես ծանոթացել, ինչպես եք մոտեցել նրան, գուցե երբ նպարավաճառից մթերք եք իրենց տուն տարել ետնամուտքից։ Բայց ինչ վերաբերում է ձեր ասածին, դա բացարձակ սուտ է։ Դեյզին սիրելով ամուսնացավ ինձ հետ և հիմա էլ սիրում է։

― Ոչ,— Գեթսբին տարուբերեց գլուխը․

― Նա ինձ սիրում է, չնայած երբեմն հիմարություններ է մտցնում գլուխը և արածը չի իմանում։— Թոմը խորիմաստ տմբտմբացրեց։— Դեռ ավելին, ես էլ եմ Դեյզիին սիրում։ Երբեմն ինձ ազատություն եմ տալիս, բայց միշտ էլ վերադառնում եմ ու սրտումս միայն նրան եմ սիրում։

― Գարշելի արարած,— շրջվելով իմ կողմը՝ Դեյզիի ձայնը ցածրացավ և խոր արհամարհանքով լցրեց սենյակը։— Դու գիտե՞ս, Նիք, թե ինչու մենք Չիկագոյում չմնացինք։ Տեսնես ինչո՞ւ այդ փոքրիկ չարաճճիության պատմությունը քեզ չի արել։

Գեթսբին մոտեցավ, կանգնեց Դեյզիի կողքին։

― Ամեն ինչ վերջացավ, Դեյզի,— վճռական ասաց նա։— Խոսել չարժե։ Ասա նրան ճշմարտությունը, որ երբեք չես սիրել, և ամեն ինչ տեղը կընկնի։

Դեյզին նայեց նրան անիմաստ հայացքով։

― Սիրե՞լ․․․ ինչպես կարող էի սիրել նրան։

― Դու երբեք չե՛ս սիրել նրան։

Դեյզին հապաղում էր։ Նա աղերսանքով նայեց ինձ ու Ջորդանին, ասես վերջապես հասկացավ անելիքը, ասես մինչև հիմա երբեք մտադիր չէր եղել որևէ բան անելու, բայց արդեն ուշ էր, ինչ որ եղել էր՝ եղել էր։

― Ես երբեք նրան չեմ սիրել,— նկատելի դժկամությամբ ասաց նա։

― Նույնիսկ Կապիոլանիո՞ւմ,— հանկարծ հարցրեց Թոմը։

― Այո։

Ներքևի պարասրահից օդի տաք ալիքների հետ մեկտեղ երգի խուլ, խեղդուկ հնչյուններ էին բարձրանում։

― Ոչ էլ ա՞յն օրը, երբ քեղ Փանչ Բոուլից ձեռքերիս վրա տանում էի, որ կոշիկներդ չթրջվեն։— Նրա ձայնի մեջ խռպոտ քնքշանք զգացվեց․․․― Դե՞յզի։

― Խնդրում եմ, մի․․․— Դեյզիի ձայնը սառն էր, բայց արդեն առանց թշնամանքի։— Նա նայեց Գեթսբիին։— Տեսա՞ր, Ջեյ,— նրա ձեռքը դողաց սիգարեթ վառելիս։ Ապա անսպասելի շպրտեց սիգարեթն ու վառվող լուցկին գորգի վրա։

― Դու շատ բան ես ուզում,— գոռաց նա Գեթսբիի վրա։— Ես քեզ սիրում եմ, բավական չէ՞։ Անցյալը չեմ կարող փոխել։— Եվ սկսեց անօգնական հեկեկալ։— Ես նրան մի ժամանակ սիրել եմ, բայց քեզ էլ եմ սիրել։

Գեթսբին բաց ու խուփ արեց աչքերը։

― Ի՞նձ էլ ես սիրել,— կրկնեց նա։

― Նույնիսկ դա էլ է սուտ,— կատաղի ճչաց Թոմը։— Նա ձեր գոյության մասին անգամ չգիտեր։ Իմ ու Դեյզիի միջև կան բաներ, որ դուք երբեք չեք իմանա, այնպիսի բաներ, որ մեզնից ոչ մեկը մոռանալ չի կարող։

Բառերը մարմնական ցավ պատճառացին Գեթսբիին։

― Ես ուզում եմ Դեյզիի հետ մենակ խոսել,— պնդեց Գեթսբին։— Նա հիմա շատ հուզված է․․․

― Նույնիսկ մենակ չեմ կարող ասել, որ երբեք չեմ սիրել Թոմին,― հուսահատ ձայնով ընդունեց Դեյզին։— Ճիշտ չի լինի, եթե հակառակն ասեմ։

― Իհարկե, ճիշտ չի լինի,— միացավ Թոմը։

Դեյզին դիմեց ամուսնուն։

— Իբր քեզ համար միևնույնը չէ։

― Իհարկե, միևնույնը չէ։ Սրանից հետո ես ավելի շատ հոգ կտանեմ քո մասին։

― Դուք չհասկացաք,— տագնապեց Գեթսբին։— Դուք այլևս նրա մասին հոգ չեք տանելու։

― Ինչպե՞ս,— Թոմը լայն բաց արեց աչքերն ու ծիծաղեց։ Նա այժմ տիրապետում էր իրեն։— Ի՞նչ է եղել որ։

― Դեյզին բաժանվում է ձեզնից։

― Հիմարություն։

― Այո, բաժանվում եմ,— նկատելի ճիգով ասաց Դեյզին։

― Նա չի բաժանվում ինձնից։— Թոմի խոսքերը հանկարծ ծանրորեն ընկան Գեթսբիի վրա։— Այն էլ մի խաբեբայի պատճառով, որը գողացած մատանի է անցկացնելու կնոջ մատին։

― Ես այլևս չեմ կարող լսել այս բոլորը,— գոռաց Դեյզին։— Խնդրում եմ, հեռանանք այստեղից։

― Եվ ընդհանրապես ո՞վ եք դուք,— պոռթկաց Թոմը։— Որքան ինձ հայտնի է՝ դուք Մեյեր Վուլֆշայմի խմբից եք։ Ես որոշ տեղեկություն եմ հավաքել ձեր գործերի մասին, և դեռ կաշխատեմ ավելին իմանալ։

― Հավաքեցեք ինչքան կուզեք, բարեկամ,— վստահ ասաց Գեթսբին։

― Ես արդեն գիտեմ, թե ձեր «դեղատները» ինչ են ներկայացնում իրենցից,— Թոմը դարձավ մեզ ու արագ վրա տվեց։— Նա և Վուլֆշայմը բազմաթիվ մանր-մունր դեղատներ են գնել Նյու Յորքում ու Չիկագոյում և օղի վաճառել։ Սա նրա քաջագործություններից մեկն է։ Ես նրան մաքսանենգի տեղ դրեցի հենց սկզբից և չէի սխալվել։

― Իսկ սրան ի՞նչ կասեք,— քաղաքավարի ասաց Գեթսբին։— Ձեր ընկեր Վոլթեր Չեյսը չէ՞ր, որ մեզ հետ գործակցեց։

― Եվ դուք նրա գլխին փորձանք բերեցիք։ Թողեցիք, որ մի ամիս մնա Նյու Ջերսիի բանտում։ Տեր աստված։ Պետք է լսեիք, թե ինչ էր ասում նա ձեր մասին։

― Նա մեզ մոտ եկավ լրիվ սնանկացած և շատ ուրախ էր, որ մի քիչ փող վաստակեց, բարեկամ։

― Ինձ մի կոչեք «բարեկամ»,— ճչաց Թոմը։ Գեթսբին ոչինչ չասաց։— Վոլթերը ձեզ օրենքի ձեռքը կտար, բայց Վուլֆշայմը վախեցրեց նրան ու բերանը փակեց։

Կրկին Գեթսբիի դեմքին հայտնվեց այդ օտարոտի, բայց և այնպես ծանոթ արտահայտությունը։

― Այդ դեղատների գործն այնքան էլ մեծ բան չէ,— հանգիստ շարունակեց Թոմը,— բայց հիմա դուք զբաղված եք մի այնպիսի գործով, որի մասին Վոլթերը վախեցավ ասել։

Ես նայեցի Դեյզիին, որը սարսափահար նայում էր մերթ Գեթսբիին, մերթ ամուսնուն, մերթ Ջորդանին, վերշինս դարձյալ սկսել էր մի անտեսանելի առարկա հավասարակշռել ծնոտի ծայրին։ Ապա նայեցի Գեթսբիին և ցնցվեցի նրա տեսքից։ Կարելի էր մտածել (ասում եմ ես բացարձակ արհամարհանքով նրա պարտեզում լսած չարամիտ հերյուրանքների նկատմամբ), որ նա «մարդ էր սպանել»։ Մի պահ նրա դեմքը, ինչքան էլ անհեթեթ լիներ դա, մարդասպանի դեմք էր։

Սակայն այդ կարճատև պահն անցավ, և Գեթսբին՝ սկսեց հուզված խոսել Դեյզիի հետ, ժխտելով ամեն ինչ, պաշտպանելով իրեն այն մեղադրանքներից, որ նույնիսկ չէին ասվել։ Բայց նրա ամեն մի խոսքից Դեյզին ավելի ու ավելի խորն էր ամփոփվում ինքն իր մեջ, այնպես որ Գեթսբին լռեց․ միայն փշրված երազն էր շարունակում ժամանակ շահել, փորձելով շոշափելի դարձնել այն, ինչ այլևս իրական չէր՝ ապարդյուն, հուսահատ որսալով սենյակի մյուս ծայրին հնչող ողբալի ձայնը։

Ձայնը աղերսում էր կրկին ու կրկին տուն գնալ։

― Խնդրո՜ւմ եմ, Թոմ։ Էլ չեմ կարող։

Նրա վախեցած աչքերն ասում էին, որ իր նախկին մտադրության ու վճռականության հետքն անգամ չէր մնացել։

― Դու, Դեյզի, գնա նրա հետ,— ասաց Թոմը։— Պարոն Գեթսբիի մեքենայով։

Դեյզին տագնապահար նայեց Թոմին, բայց վերջինս պնդեց վեհանձն արհամարհանքով։

― Գնա՛, գնա՛։ Նա քեզ չի անհանգստացնի։ Երևի արդեն հասկացավ, որ իր հավակնոտ փոքրիկ սիրավեպն ավարտված է։

Եվ նրանք երկուսով գնացին անմռունչ, չքացան ուրվականների պես՝ մենավոր ու մեկուսացած, դուրս ամեն ինչից, նույնիսկ մեր խղճահարությունից։

Քիչ հետո Թոմը ոտքի ելավ ու սկսեց սրբիչի մեջ փաթաթել վիսկիի չբացված շիշը։

― Խմել ուզու՞մ եք։ Ջորդա՞ն... Նի՞ք։

Ես լուռ էի։

― Նի՞ք,― նա կրկին դիմեց ինձ։

― Ի՞նչ,

― Ուզու՞մ ես։

― Ոչ... ես հենց նոր հիշեցի, որ այսօր իմ ծննդյան օրն է։

Երեսուն տարիս էր լրանում։ Առջևս ձգվում էր նոր տասնամյակի չարաբաստիկ, սպառնալից ուղին։

Ժամը յոթն էր, երբ երեքով մեքենա նստեցինք ու ճանապարհվեցինք դեպի Լոնգ Այլընդ։ Թոմը անդադար խոսում էր, կատակում, ծիծաղում, բայց նրա ձայնը այնքան հեռու էր ինձնից ու Ջորդանից, ինչքան մայթի վրայի օտարոտի աղմուկը կամ գլխավերևի վերգետնյա ճանապարհի աշխուժությունը։ Մարդկային կարեկցանքը չափ ու սահման ունի, և մենք հաճույքով թողեցինք մեր ետևում նրանց ողբերգական վեճը՝ քաղաքի մարող լույսերի հետ միասին։ Երեսուն՝ դա նշանակում էր մենության մեկ տասնամյակ ևս, ամուրիների նվազող ցուցակ, պակասող եռանդ, նոսրացող մազեր։ Բայց կողքիս Ջորդանն էր, որն, ի տարբերություն Դեյզիի, չափազանց իմաստուն էր վաղուց մոռացված երազները տարեցտարի քարշ չտալու համար։ Երբ անցնում էինք մութ կամրջով, նրա դալուկ դեմքը ծուլորեն թեքվեց ուսիս, և այդ քաջալերող ձեռքսեղմման տակ փուլ եկավ երեսուն տարիներիս ահավոր ծանրությունը։

Եվ այսպես, զովացող մթնշաղում մենք սլանում էինք դեպի մահ։

*  *  *



Երիտասարդ հույն Միքայելիսը, որ խարամի կույտերի մոտ սրճարան ուներ, հետաքննության գլխավոր վկան էր։ Շոգից ուժասպառ նա քնել էր մինչև ժամը հինգը, հետո դուրս եկել ման գալու, մտել գարաժ ու գրասենյակում տեսել հիվանդ, իսկապես հիվանդ Ջորջ Վիլսոնին դողացնելիս, գույնը գցած, իսկ և իսկ իր սեփական մազերի գույնին։ Միքայելիսը խորհուրդ էր տվել նրան անկողին մտնել, բայց Վիլսոնը չէր ցանկացել՝ ասելով, որ շատ գործ կա։ Մինչ հույնը փորձել էր համոզել նրան, վերևում անասելի աղմուկ էր բարձրացել։

― Կնոջս փակել եմ սենյակում,— հանգիստ բացատրեց Վիլսոնը։— Թող մնա այնտեղ մինչև վաղը չէ մյուս օրը, հետո կգնանք այստեղից։

Միքայելիսը ապշեց։ Նրանք չորս տարի հարևան էին եղել, և Վիլսոնը երբեք նման բանի ընդունակ չէր թվացել։ Ընդհանրապես, նա կյանքից հոգնած մարդկանցից էր։ Աշխատանքից ազատ ժամերին նստում էր դռան շեմին ու նայում անցնող-դարձողներին, մեքենաներին։ Երբ որևէ մեկը խոսում էր հետը, ժպտում էր բարեհամբույր, անգույն ժպիտով։ Նա իր գլխի տերը չէր, նա պատկանում էր կնոջը։

Բնականաբար, Միքայելիսը փորձեց իմանալ, թե ինչ էր պատահել, բայց Վիլսոնը ծպտուն անգամ չհանեց, փոխարենը սկսեց տարօրինակ, կասկածելի հայացքներ ձգել հարևանի վրա ու հարցուփորձ անել, թե նա այս կամ այն օրը, այս կամ այն ժամին որտեղ էր եղել և ինչ էր արել։ Միքայելիսն արդեն ինքն իրենից դուրս էր գայիս, երբ տեսավ մի քանի գործավորների, որոնք գնում էին դեպի իր սրճարանը և այդ պատրվակով հեռացավ, որպեսզի քիչ հետո վերադառնա։ Բայց չեկավ։ Հավանաբար մոռացել էր։ Երբ կրկին դուրս եկավ, ժամը յոթն անց էր, և գարաժից տարածվող տիկին Վիլսոնի բարձր, լուտանքներով լի ձայնը հիշեցրեց նրան ցերեկվա խոսակցությունը։

― Խփի՛ր ինձ,— գոռում էր նա։— Գցի՛ր գետնին ու խփի՛ր։ Կեղտոտ, վախկոտի մեկը։

Քիչ անց տիկին Վիլսոնը նետվեց դուրս, թափահարելով ձեռքերն ու բղավելով, և նախքան Վիլսոնը կհասցներ քայլ անել, ամեն ինչ վերջացավ։

«Մահվան մեքենան», ինչպես հետագայում լրագրերը կոչեցին այն, կանգ չառավ, այլ հայտնվեց թանձրացող մթության միջից, մի ակնթարթ երերաց ողբերգական անվճռականությամբ ու անհետացավ հաջորդ ոլորապտույտի ետևում։ Միքայելիսը նույնիսկ նրա գույնը կարգին չտեսավ, բայց առաջին իսկ մոտեցող ոստիկանին ասաց, որ այն բաց կանաչ էր։ Իսկ մյուս մեքենան, որը Նյու Յորք էր գնում, արգելակեց հարյուր յարդ հեռավորության վրա, և վարորդը վազելով ետ եկավ դեպի այն վայրը, ուր գունդուկծիկ եղած չոքել էր կյանքից վայրագորեն հեռացող Միրթլ Վիլսոնը, թանձր արյունը շաղախելով փոշու հետ։

Միքայելիսն ու վարորդը առաջին մոտեցողները եղան, և երբ պատռեցին նրա քրտինքից դեռևս թաց վերնաշապիկը, տեսան, որ ձախ կուրծքը կափարիչի նման կախ էր ընկել և հարկ չկար լսելու սիրտը։ Բերանը լայն բացված էր, անկյուններում՝ պատռված, ասես նա խեղդվել էր իր մեջ կուտակված հսկայական կենսունակության ժայթքումից։

*  *  *



Մենք դեռ հեռվից նկատեցինք երեք թե չորս մեքենա ու հավաքված ամբոխը։

— Վթար,— ասաց Թոմը։— Վիլսոնի բախտը բերեց։ Վերջապես մի քիչ փող կաշխատի։

Նա դանդաղեցրեց, բայց մտադրություն չուներ կանգ առնելու։ Երբ ավելի մոտեցանք, գարաժի մոտ կանգնած մարդկանց լուռ ու մունջ, լարված դեմքերը ստիպեցին նրան մեքենայաբար սեղմել արգելակները։

— Տեսնենք ինչ է եղել,— անվստահ ասաց նա։— Հենց միայն տեսնենք ու գնանք։

Երբ մեքենայից դուրս եկանք ու շարժվեցինք դեպի դուռը, գարաժից ինձ հասավ խուլ ողբի ձայն, որը վերածվելով «Ա՜խ, աստված իմ» բառերի, միալար կրկնվեց մի քանի անգամ։

― Ինչ֊որ վատ բան է պատահել,— հետաքրքրված ասաց Թոմը։

Նա կանգնեց ոտքի ծայրերին և մարդկանց գլուխների վրայով նայեց գարաժի ներսը, որը լուսավորված էր առաստաղից կախված երկաթացանց զամբյուղում ճոճվող լամպի դեղին լույսով։ Հետո նրա կոկորդից խռպոտ հնչյուն դուրս եկավ և իր հզոր բազուկներով հրելով մարդկանց՝ առաջ անցավ։

Շրջանը վրդովմունքի ձայներ արձակելով կրկին փակվեg, և ես ոչինչ չկարողացա տեսնել։ Ետևից նորանոր մարդիկ էին ավելանում, այնպես որ հանկարծ ինձ ու Ջորդանին հրեցին ներս։ Երկու վերմակի մեջ կոլոլված Միրթլ Վիլսոնի մարմինը (ասես այդ շոգին նա ցրտից դողացնում էր) դրված էր աշխատասեղանի վրա, պատի մոտ, և Թոմը մեջքը մեղ արած՝ գլխահակ, անշարժացել էր։ Նրա կողքին մոտոցիկլետիստի գլխարկով ոստիկանը մեծ տքնաջանությամբ անուններ էր գրում-ջնջում տետրի մեջ։ Սկզբում չկարողացա գտնել դատարկ գարաժում արձագանքող այդ թարձր տնքոցի աղբյուրը, բայց հետո տեսա Վիլսոնին, որը գրասենյակի շեմին կանգնած օրորվում էր՝ երկու ձեռքերով բռնած դռան կողափայտերից։ Ինչ-որ մեկը ցածրաձայն խոսում էր հետը, փորձելով ձեռքը դնել ուսին, բայց Վիլսոնը ոչ լսում էր, ոչ տեսնում։ Նրա հայացքը սահում էր ճոճվող լույսի վրայով դեպի բեռնավորված սեղանը, ապա կրկին ետ, և այսպես շարունակ անվերջանալի բարձր ոռնոցներ արձակում։

― Ա՜խ, աստված իմ։ Ա՜խ, աստված իմ։ Ա՜խ, աստված իմ։

Հանկարծ Թոմը կտրուկ բարձրացրեց գլուխը և սառած աչքերով շուրջը նայելուց հետո ինչ֊որ անլսելի, անհասկանալի բան մրթմրթաց ոստիկանին։

― Մ֊ե֊ք,— հեգում էր ոստիկանը,—... ո...

― Ոչ, ի,— ուղղում էր հույնը,— Մ—ի—ք...

― Լսի՛ր,— կատաղած մրթմրթաց Թոմը։

― ա,— շարունակում էր ոստիկանը,— յ...

— ե․․․

― ե․․․,― Թոմի ծանր ձեռքը ընկավ նրա ուսին, և ոստիկանը բարձրացրեց գլուխը։— Ի՞նչ եք ուզում։

― Ինչպե՞ս պատահեց։ Ուզում եմ իմանալ, ինչպես պատահեց։

― Մեքենան է խփել։ Տեղն ու տեղը մեռել է։

― Տեղն ու տեղը մեռել է,— հայացքը մի կետի հառած՝ կրկնեց Թոմը։

― Դուրս է վազել դեպի ճանապարհը։ Սրիկան նույնիսկ չի էլ կանգնեցրել մեքենան։

― Երկու մեքենա էին,— բացատրում էր Միքայելիսը։— Մեկը գալիս էր, մյուսը գնում...

― Ո՞ւր,— հետաքրքրությամբ հարցրեց ոստիկանը։

― Իր ճամփով։ Դե, նա...— Միքայելիսը բարձրացրեց ձեռքը վերմակների ուղղությամբ, բայց կեսին կանգ առավ ու անմիջապես իջեցրեց...— նա դուրս վազեց դեպի ճանապարհը, և նյու Յորքից եկողը գետին գցեց նրան։ Ա՜յ թե արագություն էր, հա՜։ Ժամում երեսուն-քառասուն մղոն։

― Այստեղի անունն ի՞նչ է,— հարցրեց ոստիկանը։

― Անուն չունի։

Լավ հագնված մի նեգր մոտեցավ։

― Դեղին մեքենա էր,— ասաց։— Մեծ դեղին մեքենա։ Լրիվ նոր։

― Ինչ է, տեսե՞լ եք դեպքը։

― Բաձր մեքենան կողքովս անցավ։ Քառասունից ավելի էր գնում։ Հիսուն֊վաթսուն կլիներ։

― Եկեք, ասեք ձեր ազգանունը։ Թողեք անցնի։ Ես ուզում եմ ազգանունը գրել։

Այդ խոսակցությունից մի քանի բառ պետք է որ հասած լիներ դռան մեջ օրորվող Վիլսոնին, որովհետև հանկարծ նրա տնքոցների մեջ նոր խոսքեր մուտք գործեցին։

― Առանց ձեզ էլ գիտեմ։ Դուք չէ, որ ինձ պիտի ասեք, թե ինչ մեքենա էր դա։

Ես տեսա, թե ինչպես բաճկոնի տակ պրկվեցին Թոմի ուսի մկանները։ Նա շտապ մոտեցավ Վիլսոնին և կանգնելով դիմացը՝ պինդ բռնեց նրա թևերից։

― Հավաքի՛ր քեզ,— կոպտորեն հանգստացրեց նա։

Վիլսոնի աչքն ընկավ Թոմին․ նա ուզեց ուղղվել, բայց ծնկները ծալվեցին, և կընկներ, եթե Թոմը չբռներ։

― Լսիր,— Թոմը թեթևակի ցնցեց նրան։— Ես քիչ առաջ եմ եկել Նյու Յորքից և բերել եմ այն մեքենան, որի մասին արդեն պայմանավորվել էինք։ Այն դեղին մեքենան, որ ցերեկը քշում էի, իմը չէ, լսո՞ւմ ես։ Դրանից հետո չեմ տեսել այն։

Միայն ես ու նեգրը լսեցինք նրա ասածը, որովհետև մոտ էինք կանգնած, բայց ոստիկանը ինչ֊որ բան որսալով զգաստացավ։

― Ինչի՞ մասին եք խոսում,— հարցրեց։

― Ես նրա ընկերն եմ։— Թոմը շրջեց գլուխը, բայց չթողեց Վիլսոնին։— Նա ասում է, որ գիտե՝ ինչ մեքենա է դա... Դեղին մեքենա էր։

Անորոշ մի բան ստիպեց ոստիկանին կասկածանքով նայել Թոմին։

― Իսկ ձեր մեքենան ի՞նչ գույնի է։

― Կապույտ։ Երկտեղ է։

― Մենք հենց նոր ենք գալիս Նյու Յորքից,― ընդհատեցի ես։

Մեր ետևից եկողը հաստատեց իմ ասածը, և ոստիկանը շրջվեց դեպի Միքայելիսը։

― Դե, հիմա նորից ասացեք ձեր ազգանունը։

Տիկնիկի նման գրկելուվ Վիլսոնին, Թոմը ներս տարավ նրան, նստեցրեց աթոռին ու ետ եկավ։

― Մեկնումեկդ նստեք կողքը,— հրամայեց նա։ Մոտ կանգնածներից երկուսը նայեցին միմյանց ու դժկամությամբ ներս գնացին։ Հետո դուռը փակեց նրանց վրա, իջավ միակ աստիճանով՝ աչքերը սեղանից հեռու պահած, և մոտ գալով շշնջաց՝ գնացինք։

Թոմը իր հուժկու բազուկներով ճանապարհ հարթեց, և մենք անհարմար զգալով ճեղքեցինք խռնված ամբոխը, անցանք պայուսակը ձեռքին շտապող բժշկի կողքով, որին կես ժամ առաջ անհույս կանչել էին։

Թոմը դանդաղ քշեց մինչև ոլորապտույտը, հետո ավելացրեց արագությունը, և մեքենան ընթացավ մութ ճանապարհով։ Քիչ անց լսեցի ցածր, խռպոտ հեկեկոց և տեսա Թոմի այտերն ի վար հոսող արցունքները։

― Անիծյալ վախկոտ,— պոռթկաց նա,— նույնիսկ չի էլ կանգնել։

*  *  *



Բյուքենենների տունը երևաց սոսափող մութ ծառերի արանքից։ Թոմը կանգ առավ մուտքի առաջ և նայեց երրորդ հարկին, ուր բաղեղների միջից երկու պատուհան էր լուսավորված։

― Դեյզին տանն է,— ասաց։ Մեքենայից դուրս գալիս նա նայեց ինձ ու թեթևակի կնճռոտվեց։

― Ես պետք է քեզ Վեսթ Էգգում իջեցրած լինեի, Նիք։ Էլ այսօր անելիք չունենք։

Ինչ֊որ փոփոխություն էր կատարվել նրա մեջ. նա խոսում էր լուրջ, վճռական։ Երբ անցնում էինք լուսնի լույսով ողողված արահետով, նա աշխույժ կարգադրություններ արեց։

― Ես հիմա կզանգեմ ու տաքսի կկանչեմ, որ քեզ տուն տանի, մինչ այդ Ջորդանի հետ գնացեք խոհանոց, և թող ձեզ ուտելու բան տան, եթե, իհարկե, քաղցած եք։— Նա բացեց դուռը։— Մտիր։

― Չէ, շնորհակալություն։ Խնդրեմ կանչիր տաքսին։ Ես այստեղ կսպասեմ։

Ջորդանը ձեռքը դրեց թևիս։

― Ներս չե՞ս գա, Նիք։

— Ոչ, չեմ ուզում։

Ես վատ էի զգում և ուզում էի մենակ մնալ։ Բայց Ջորդանը չէր շտապում գնալ։

― Դեռ ինն անց կես է,— ասաց նա։

Անիծված լինեմ, եթե գնամ, հերիք է, կշտացա նրանցից։ Հանկարծ զգացի, որ դա Ջորդանին էլ է վերաբերում։ Նա երևի ինչ֊որ բան հասկացել էր իմ դեմքի արտահայտությունից, որովհետև կտրուկ շրջվեց, արագ բարձրացավ աստիճաններով ու վազեց տուն։ Ես գլուխս ձեռքերիս մեջ առած նստեցի մի քանի րոպե. շուտով լսեցի, թե ինչպես նախասրահում սպասավորը հեռախոսով տաքսի պատվիրեց։

Ապա հեռացա տնից՝ մտադրվելով սպասել դարպասի մոտ։

Քսան քայլ էլ չէի արել, երբ ինձ ձայն տվեցին, և Գեթսբին՝ թփերի արանքից դուրս գալով, կանգնեց ծառուղու վրա։ Ես պետք է որ շատ վատ զգացած լինեի մինչ այդ, որովհետև միակ բանը, որի մասին կարողացա մտածել այդ պահին, նրա վարդագույն շորերի փայլն էր լուսնի լույսի տակ։

― Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեցի։

― Ոչինչ, կանգնած եմ, բարեկամ։

Ինձ թվաց, որ դա արգահատելի զբաղմունք էր։ Ես նույնիսկ պատրաստ էի ենթադրելու, որ քիչ անց կկողոպտեր տունը։ Չէի էլ զարմանա, եթե մութ թփերի ետևից հայտնվեին «Վուլֆշայմի մարդկանց» զազրելի դեմքերը։

— Դուք ճանապարհին որևէ բան տեսա՞ք,— քիչ անց հարցրեց Գեթսբին։

— Այո։

Նա հապաղեց։

— Կինը մեռա՞վ։

— Այո։

― Այդպես էլ գիտեի։ Ես ասացի Դեյզիին, որ մեռած կլինի։ Նման դեպքերում ավելի լավ է ճիշտն ասել։ Նա մի կերպ կհաղթահարի այդ ցնցումը։

Նա այնպես էր խոսում, կարծես միակ կարևոր բանը Դեյզին էր։

— Ես Վեսթ Էգգ գնացի այլ ճանապարհով,— շարունակեց,— և մեքենան թողեցի գարաժումս։ Երևի տեսնող չեղավ, բայց, իհարկե, համոզված չեմ։

Նա ինձ այն աստիճան տհաճ էր, որ հարկ չհամարեցի ասելու, թե նա սխալվում էր։

― Ո՞վ էր այդ կինը,— հարցրեց։

― Վիլսոն է ազգանունը։ Գարաժի տիրոջ կինն է։ Սատանան տանի, ինչպե՞ս պատահեց։

— Հասկանո՞ւմ ես, ուզեցի թեքել...— նա կանգ առավ, և հանկարծ ես ամեն ինչ հասկացա։

― Դեյզի՞ն էր ղեկին։

— Այո,— ուշացումով ասաց նա,— բայց, իհարկե, ես կասեմ, որ ե՛ս էի վարողը։ Գիտես, երբ մենք դուրս եկանք Նյու Յորքից, Դեյզին շատ ջղային վիճակում էր, և նրան թվաց, որ վարելը կհանգստացնի իրեն, իսկ այդ կինը հանկարծ նետվեց մեզ վրա, երբ մենք անցնում էինք դիմացից եկող մեքենայի կողքով։ Այդ ամենը կատարվեց մեկ րոպեում, բայց ինձ թվաց, որ նա ուզում էր խոսել մեզ հետ, կարծես մեզ ծանոթի տեղ դրեց։ Տեսնելով կնոջը, Դեյզին սկզբում թեքեց մեքենան, իսկ դիմացից եկող մեքենան խանգարեց, ու նա ետ տվեց։ Հենց որ ձեռքս դիպավ ղեկին, ես ցնցում զգացի, հավանաբար տեղն ու տեղը սպանվեց։

― Ջարդուխուրդ է եղել։

― Պետք չէ, բարեկամ։— Նա թարթեց աչքերը։— Ինչ որ է, Դեյզին սեղմվել էր ղեկին։ Ես խնդրեցի կանգնեցնել մեքենան, բայց նա ի վիճակի չէր, ես էլ սեղմեցի ձեռքի արգելակը, հետո Դեյզին ընկավ ծնկիս ու այդպես առաջ անցանք։

— Վաղն իրեն լավ կզգա,— շարունակեց Գեթսբին։— Ես կսպասեմ այստեղ, տեսնեմ, թե նա չի անհանգստացնում Դեյզիին ցերեկվա կատարվածի համար։ Նա հիմա փակված է սենյակում, և եթե Թոմը որևէ բռնություն գործադրի, ինձ նշան կանի, լույսը կանջատի ու նորից կվառի։

― Նա նրան ձեռք չի տա,— ասացի։— Հիմա չի էլ մտածում Դեյզիի մասին։

― Ես նրան չեմ վստահում, բարեկամ։

― Ինչքա՞ն ես մնալու այստեղ։

― Ամբողջ գիշերը, եթե հարկ լինի։ Մինչև բոլորը քնեն։

Մի նոր միտք ծագեց գլխումս։ Ենթադրենք Թոմը իմացավ, որ Դեյզին էր ղեկին։ Նա կմտածի, որ այստեղ ինչ֊որ կապ կա, կարող է մտածել, աստված դիտե, թե ինչ։ Ես նայեցի տանը։ Առաջին հարկի երկու թե երեք պատուհանն էր լուսավորված, իսկ վերևում՝ Դեյզիի սենյակի վարդագույն ցոլքն էր։

― Սպասիր այստեղ,— ասացի։— Գնամ տեսնեմ, թե արդյոք ներսում իրարանցում չկա՞։

Ես ետ գնացի սիզամարգի եզրով, անաղմուկ անցա խճաքարերի վրայով և ոտքերիս ծայրերին բարձրացա աստիճաններով։ Հյուրասենյակի պատուհանները բաց էին, սենյակը դատարկ էր։ Անցնելով պատշգամբը, ուր հունիսյան մի երեկո ճաշել էինք՝ երեք ամիս առաջ, հասա լուսավորված մի ուղղանկյան, որը հավանաբար մառանի պատուհանն էր։ Վարագույրն իջեցված էր, բայց չէր հասնում մինչև ներքև։

Դեյզին ու Թոմը նստած էին դեմ֊դիմաց, խոհանոցի սեղանի մոտ՝ վրան տապակած սառը ճուտ և երկու շիշ գարեջուր։ Թոմը ոգևորված ինչ֊որ բան էր պատմում և խոսելիս ձեռքը դրեց Դեյզիի ձեռքին։ Դեյզին նայում էր նրան ու գլխով համաձայնության նշան անում։

Նրանք երջանիկ չէին։ Նրանցից ոչ մեկը չէր դիպել ոչ ճուտին, ոչ էլ գարեջրին, բայց և դժբախտ էլ չէին։ Ողջ տեսարանից ընտանեկան մտերմություն էր բուրում, ասես դավադրություն էին պատրաստում։

Երբ ետ եկա, լսեցի մոտեցող տաքսիի ձայնը։ Գեթսբին նույն տեղում էր։

― Ամեն ինչ կարգի՞ն է,— հարցրեց մտահոգ։

― Այո, ամեն ինչ,— ես անվճռական կանգ առա։— Գնանք միասին, քեզ քնել է պետք։

Նա տարուբերեց գլուխը։

― Ես կսպասեմ այստեղ, մինչև Դեյզին քուն մտնի։ Բարի գիշեր, բարեկամ։

Նա ձեռքերը դրեց գրպանները և արագ շրջվեց, կարծես իմ ներակայությունը խանգարում էր նրա հսկողության սրբությունը։

Եվ ես հեռացա՝ թողնելով նրան կանգնած լուսնի լույսի տակ, հսկելու մի բան, որը դրա կարիքը չուներ։

Գլուխ ութերորդ

Ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Մառախուղ էր։ Սաունդ գետի վրա անդադար սուլում էր շչակը, իսկ ես տենդի մեջ շուռումուռ էի գալիս զազրելի իրականության ու ծանր, մղձավանջային երազների մեջ։ Լուսադեմին լսեցի, թե ինչպես մի տաքսի մոտեցավ Գեթսբիի տանը։ Անմիջապես վեր թռա անկողնուց, սկսեցի հագնվել, զգացի, որ բան ունեմ նրան ասելու, ինչ֊որ բան նախազգուշացնելու, որովհետև առավոտյան ուշ կլիներ։

Պարտեզ մտնելով, նրա մուտքի գուռը բաց տեսա։ Նախասրահում Գեթսբին հենվել էր սեղանին՝ անքնությունից թե վհատությունից կուչ եկած։

― Ոչ մի բան էլ չեղավ,— անկենդան ձայնով ասաց նա։— Ես սպասեցի մոտավորապես մինչև ժամը չորսը, հետո նա մոտեցավ պատուհահին, կանգնեց մի րոպե ու հանգցրեց լույսը։

Նրա տունը երբեք այդքան հսկայական չէր թվացել ինձ, ինչպես այդ գիշեր, երբ մենք չափչփում էինք ընդարձակ սենյակները՝ սիգարեթ փնտրելու հույսով։ Մի կողմ հրելով տաղավար հիշեցնող վարագույրները, մենք շոշափում էինք երկար ու ձիգ մութ պատերը՝ լույսի անջատիչները գտնելու։ Այդ ընթացքում ես ընկա ուրվական հիշեցնող դաշնամուրի վրա, որի ստեղներից դուրս պոռթկացին բազմաթիվ հնչյուններ։ Ամենուր անբացատրելի քանակության փոշի էր, սենյակներից բորբոսի հոտ էր գալիս, ասես օրեր շարունակ չէին օդափոխել։ Վերջապես ինչ֊որ սեղանի վրա ծխախոտատուփ նշմարեցի՝ մեջը երկու հին, չոր սիգարեթ։ Լայն բացելով հյուրասենյակի մինչև գետին հասնող պատուհանները, մենք նստեցինք դրսում և սկսեցինք ծխել նայելով մթությանը։

― Դու պետք է հեռանաս այստեղից,— ասացի։— Շատ հավանական է, որ հետևեն մեքենայիդ։

― Հեռանա՞մ, բարեկամ, հիմա՞։

― Գնա մի շաբաթով Աթլանտիկ-Սիթի կամ Մոնրեալ։

Նա լսել անգամ չուզեց։ Ինչպես կարող էր թողնել Դեյզիին՝ առանց իմանալու, թե ինչ էր նրա մտադրությունը։ Նա դեռ կառչած էր վերջին տարտամ հույսից, որը ես չէի կարող ի դերև հանել։

Հենց այդ գիշեր նա ինձ պատմեց Դան Քոդիի հետ անցկացրած իր երիտասարդ տարիների պատմությունը, պատմեց, որովհետև «Ջեյ Գեթսբին» ապակու նման փշրվել էր՝ դեմ առնելով Թոմի դաժան չարախնդությանը, և իր երկարամյա գաղտնի հեքիաթ-ներկայացումը ավարտվել էր։ Ինձ թվում էր, նա այժմ առանց բացառության ամեն ինչ կխոստովաներ, միայն թե խոսեր Դեյզիի մաս ին։

Դեյզին առաջին աղջիկն էր «վերնախավից», որին հանդիպել էր Գեթսբին։ Զանազան իրավիճակներում նա խոսել էր բարձր դիրքի մարդկանց հետ, բայց միշտ էլ արանքում ասես անտեսանելի փշալար էր եղել։ Առաջին հայացքից Դեյզին նրան անսահման ցանկալի էր թվացել։ Նա այցելում էր նրանց տուն սկզբում Թեյլոր ճամբարի սպաների հետ, իսկ հետո՝ մենակ։ Նա հիացած էր, երբեք այդպիսի գեղեցիկ տան մեջ չէր եղել։ Բայց ամենազարմանալին, ամենաանսպասելին այն էր, որ Դեյզին ապրում էր այնտեղ իմիջիայլոց, ինչպես Գեթսբին՝ ճամբարի վրանում։ Այդ տանը բացահայտվելու պատրաստ գաղտնիքներ էին թաքնված, ակամա մտածում էիր վերնահարկի ննջարանների մասին, որոնք ավելի գայթակղիչ էին իրենց գեղեցկությամբ ու զովությամբ, քան իր իմացած այլ ննջարանները, մտածում էիր նրա միջանցքներում հորդացող անհոգ զվարճության և այստեղ կատարվող սիրավեպերի մասին, որոնք բորբոսնած չէին, ոչ էլ նարդոսի չորացած ծաղիկների բույրով հագեցած, այլ նոր էին, փթթուն և անբաժան այդ տարվա պսպղուն մեքենաներից ու պարահանդեսներից, որոնց ծաղիկները դեռ չէին թառամել։ Նրան հուզում էր նաև այն հանգամանքը, որ իրենից առաջ շատ ու շատ տղամարդիկ արդեն սիրել էին Դեյզիին, դա բարձրացնում էր նրա գինը իր աչքում։ Ամենուր նա զգում էր նրանց ներկայությունը, օդը զրնգում էր դեռևս չմեռած զգացմունքների արձագանքներից։

Բայց նա գիտեր, որ բախտի բերմամբ էր ընկել այդ տունը։ Ինչքան էլ փառահեղ ապագա սպասելիս լիներ Ջեյ Գեթսբիին, ներկայումս նա առանց անցյալի աղքատ երիտասարդ էր, և ցանկացած պահին նրա զինվորական համազգեստը, որը անտեսանելի թիկնոցի դեր էր կատարում, կարող էր սահել ուսերից։ Այդ պատճառով էլ նա ջանում էր Ժամանակ չկորցնել։ Վերցնում էր այն ամենը, ինչ հնարավոր էր՝ գազանաբար, անխղճորեն․ այդպես էլ, հոկտեմբերյան մի խաղաղ գիշեր նա տիրացավ Դեյզիին, իմանալով, որ իրավունք չուներ անգամ մատով դիպչելու։

Նա կարող էր արհամարհել իրեն, որովհետև Դեյդիին գերել էր խաբեությամբ։ Ես չեմ ուզում ասել, որ բարբաջանքներ էր գործի դրել իր երևակայած միլիոնների մասին խոսելիս, բայց գիտակցաբար ներշնչել էր Դեյզիին ապահովության գաղափար, հավատացրել, որ ինքը միևնույն խավին է պատկանում և միանգամայն ի վիճակի է հոգ տանել նրան։ Իրականում նա չուներ այդպիսի միջոցներ, չուներ ետևում կանգնած անվանի ընտանիք, և ցանկացած պահին անդեմ կառավարության քմահաճույքը կարող էր նրան շպրտել աշխարհի մյուս ծայրը։

Սակայն Գեթսբին չարհամարհեց իր անձը, և ամեն ինչ ստացվեց հակառակ իր սպասածի։ Հավանաբար մտադրվել էր վերցնել այն, ինչ կարող էր, ու հեռանալ, բայց պարզվեց, որ իրեն դատապարտել էր ծառայելու սրբությանը։ Նա գիտեր, որ Դեյզին սովորական աղջիկ չէր, բայց չէր պատկերացնում, թե որքան ամեն ինչ կարող էր դժվար լինել վերնախավի աղջկա հետ։ Եվ Դեյզին մշուշվեց-անհետացավ իր հարուստ տան, իր հարուստ բովանդակալից կյանքի մեջ՝ չթողնելով Գեթսբիին ոչինչ, բացի այն զգացումից, որ ինքն այժմ ամուսնացած է հետը։

Երբ երկու օր անց նրանք կրկին հանդիպեցին, Գեթսբիի շունչը կտրվեց և ոչ թե Դեյզիինը, Գեթսբին իրեն լքված զգաց և ոչ թե Դեյզին։ Աղջկա պատշգամբը ողողված էր անգին աստղալույսով․ բազմոցի մետաղյա ցանցը հուզիչ ճռճռաց, երբ Դեյզին շրջվեց դեպի նա, և Գեթսբին համբուրեց նրա զվարճալի սիրունիկ բերանը։ Դեյզիի ձայնը մրսածությունից խռպոտել էր ու դարձել ավելի գերող։ Գեթսբին մտքի շշմեցուցիչ պայծառությամբ հասու էր դառնում հարստության և դրա հսկողության տակ ապրող երիտասարդության գաղտնիքին՝ ըմբոշխնելուէ աղջկա բազմաթիվ զգեստների թարմությունը, որոնց տակ Դեյզին պսպղում էր արծաթի նման՝ բարեկեցիկ ու հպարտ, հեռու աղքատների քայքայիչ հոգսերից։

*  *  *



— Չես կարող պատկերացնեվ, թե որքան զարմացա, երբ հասկացա, որ սիրում եմ նրան, բարեկամ։ Ես նույնիսկ սկզբում կարծում էի, որ կլքի ինձ, բայց չլքեց, որովհետև սիրահարված էր ինձ։ Նրան թվում էր, թե ես շատ բան գիտեմ, քանի որ իմ իմացածը նա չգիտեր... Եվ այնպես պատահեց, որ ես շեղվեցի իմ փառասիրությունից, և իմ սերը գնալով ավեվի ու ավելի էր խորանում։ Բայց հոգ չէր։ Ինչ օգուտ մեծ գործեր կատարելուց, եթե կարող էի ինձ ավելի լավ զգալ նրան պատմելով իմ մտադրությունների մասին։

Եվրոպա մեկնելուց առաջ, վերջին երեկոն նրանք անցկացրին լուռ, ժամերով նստեցին գրկված։ Աշնանային ցուրտ օր էր, սենյակում կրակ էր վառվում, աղջկա այտերը շիկնել էին։ Մերթընդմերթ Դեյզին շարժվում էր, այնժամ Գեթսբին թեթևակի փոխում էր դիրքը, մի անգամ նույնիսկ համբուրեց նրա թուխ, փայլուն մազերը։ Մթնշաղի հետ մեկտեղ նրանք դարձան հուշիկ, որպեսզի ավելի լավ հիշեին այդ երեկոն իրենց երկար բաժանման ընթացքում, որ հաջորդ օրն էր բերելու իր հետ։ Իրենց սիրո ամսում նրանք երբեք ավելի մոտ չէին եղել, ոչ էլ ավելի խոր հաղորդակցվել միմյանց հետ, քան այն ժամանակ, երբ Դեյզին շրթունքները լուռ հպեց նրա համազգեստի ուսին, կամ էլ երբ ինքը մեղմորեն շոշափեց Դեյզիի մատների ծայրերը, ասես նա քնած լիներ։

*  *  *



Նա լավ առաջ գնաց զինվորական ծառայության մեջ․ նախքան ճակատ մեկնելը նրան կապիտանի կոչում տվեցին, իսկ Արգոնի մարտերից հետո դարձավ մայոր ու գնդացրային դիվիզիայի հրամանատար։ Զինադադարից հետո մոլեգնորեն ուզում էր տուն գնալ, բայց փոխարենը, ինչ-որ բարդության կամ թյուրիմացության հետևանքով, Օքսֆորդ ընկավ։ Նրա հոգին խռովյալ էր։ Դեյզիի նամակներում անհամբերություն ու թախիծ էր զգացվում։ Չէր հասկանում, թե ինչու էր Գեթսբին հապաղում։ Արտաքին աշխարհը ճնշում էր Դեյզիին, ու նա ցանկանում էր տեսնել Գեթսբիին, զգալ իր կողքին նրա ներկայությունը և համոզվել, որ ինքը ճիշտ է վարվում։

Դեյզին երիտասարդ էր, և նրա արհեստական աշխարհում բուրում էին խոլորձները, իշխում էր հաճելի, անվնաս ցուցամոլությունը, և նվագախմբերը տվյալ տարվա երաժշտությունն էին տարածում, որն իր հնչյուններում ամփոփում էր կյանքի տխրությունն ու գայթակղությունը։ Ամբողջ գիշեր սաքսոֆոնը ողբում էր «Հիլ Սթրիթ Բլուզի» հուսահատ մեղեդին, որի տակ հարյուրավոր ոսկեգույն և արծաթագույն մաշիկներ պսպղուն փոշի էին բարձրացնում հատակի վրա։ Թեյըմպումի հանդարտ ժամերին միշտ էլ գտնվում էին սենյակներ, որոնք անդադրում ցնցվում էին այդ քաղցր, անզոր տենդից, իսկ այսուայլուր փայլատակում էին թարմ դեմքեր՝ տխուր եղջերափողերից հատակին թափվող վարդի թերթերի նման։

Սեզոնի բացման հետ Դեյզին վերստին աշխուժացավ այս մթնշաղային տիեզերքում։ Նա նորից սկսեց տասնյակ ժամադրություններ նշանակել տասնյակ մարդկանց հետ և քուն մտնել արշալույսին՝ գիշերային զգեստն ու զարդարանքները հատակին գցած՝ մեռնող խոլորձների հետ միասին։ Եվ շարունակ մի ներքին ձայն վճիռ էր պահանջում։ Նա ուզում էր դասավորել իր կյանքը անհապաղ, անմիջապես, և վճիռը կայացնելու համար սիրո, դրամի և անառարկելի գործնականության ուժ էր պետք, որը ինչ֊որ տեղ մոտերքում էր։

Այդ ուժը հայտնվեց գարնան կեսերին, երբ Լուիսվիլ եկավ Թոմ Բյուքենենը։ Նրա արտաքինը ազդեցիկ էր, ոչ պակաս ազդեցիկ էր նաև նրա դիրք, և Դեյզին իրեն շոյված էր զգում։ Անկասկած որոշակի պայքար տեղի ունեցավ, որին հաջորդեց որոշակի սփոփանք։ Գեթսբին նամակը ստացավ դեռևս Օքսֆոբդում։

*  *  *



Արդեն լուսաբաց էր Լոնգ Այլընդում։ Մենք գնացինք ներքևի հարկը, անցանք սենյակից սենյակ՝ բանալով պատուհանները ոսկեգույնի խփող աղոտ լույսի առաջ։ Ցողոտ գետնին ընկած էր ծառի ստվերը, ցնորական թռչուններ էին երգում կապույտ սաղարթի մեջ։ Օդի քնքուշ, հաճելի շարժումը, որն ամենևին էլ քամի չէր, խոստանում էր հաճելի, զով օր։

― Դեյզին նրան երբեք չի սիրել,— Գեթսբին շրջվեց նոր բացված պատուհանից ու մարտական տեսքով նայեց ինձ։— Մի մոռացիր, բարեկամ, որ երեկ Դեյզին շատ էր հուզված։ Թոմը վախեցրեց նրան, այնպես ներկայացրեց ինձ, կարծես ես մանր խաբեբա լինեմ։ Արդյունքը եղավ այն, որ Դեյզին չիմացավ ասելիքը։

Գեթսբին մռայլ նստեց։

― Գուցե Դեյզին ինչ֊որ ժամանակ սիրել է նրան, սկզբում, երբ նոր էին ամուսնացել, բայց նույնիսկ այդ ժամանակ ինձ ավելի էր սիրում։

Ապա մի անսովոր միտք հայտնեց․

― Ամեն դեպքում՝ դա նրա գործն էր։

Ի՞նչ կարելի էր եզրակացնել այստեղից․ գուցե լոկ ա՞յն, որ իրենց հարաբերությունների մեջ նա միայն անհատակ խորություն էր տեսնում։

Նա վերադարձավ Ֆրանսիայից, երբ Թոմն ու Դեյզին դեռևս չէին ավարտել իրենց հարսանեկան ճամփորդությունը և բանակի վերջին աշխատավարձը ծախսեց դեպի Լուիսվիլ կատարած ցավալի, բայց և ցանկալի ուղևորության վրա։ Նա մի շաբաթ մնաց այնտեղ, թափառեց այն փողոցներում, ուր նոյեմբերյան երեկոներին հնչել էր իրենց քայլերի համատեղ կտկտոցը, կրկին այցելեց քաղաքից դուրս եղած այն վայրերը, ուր գնացել էին Դեյզիի ճերմակ մեքենայով։ Ինչպես Դեյզիի տունը նրա համար մշտապես ավելի խորհրդավոր ու հրապուրիչ էր եղել, քան մյուս տները, այնպես էլ այդ քաղաքն ինքնին, նույնիսկ առանց Դեյզիի, լի էր թախծոտ գեղեցկությամբ։

Նա մեկնեց այն զգացումով, ասես Դեյզին մնացել էր Լուիսվիլում, ու եթե ավելի շատ փնտրեր, գուցե գտներ նրան։ Վերջին փողերով ցերեկային գնացքի տոմս գնեց։ Միջանցքում, ծալովի աթոռին նստած, տեսավ սահող֊անցնող շենքերը։ Ապա բացվեցին գարնանային դաշտերը, և մի պահ գնացքի հետ կողք կողքի ընթացավ մի դեղին տրամվայ՝ լեցուն մարդկանցով, որոնց գուցե մի ժամանակ պատահաբար բախտ էր վիճակվել տեսնել Դեյզիի դեմքի հրաշափայլ գունատությունը։

Ճանապարհը թեքվեց․ գնացքն այժմ հեռանում էր արևից, որը մայր մտնելիս ասես որպես օրհնանք տարածվում էր անհետացող քաղաքի վրա, որի օդը շնչել էր Դեյզին։ Հուսահատ, նա ձեռքը դուրս հանեց պատուհանից, կարծես ուզում էր ճանկել մի բուռ օդ, տանել իր հետ մի պատառիկ այն վայրից, որ Դեյզիի շնորհիվ դարձել էր պաշտելի։ Սակայն շատ շուտով գնացքի արագությունից նրա աչքերի առաջ ամեն ինչ շաղվեց, և հասկացավ, որ առհավետ կորցրեց իր կյանքի գեղեցկագույն և լավագույն կտորը։

*  *  *



Ժամը ինն էր, երբ մենք ավարտեցինք նախաճաշը և դուրս եկանք պատշգամբ․ Եղանակը կտրուկ փոխվել էր գիշերվա ընթացքում, օդում զգացվում էր աշնան շունչը։ Պարտիզպանը՝ Գեթսբիի նախկին ծառաներից վերջինը, մոտեցավ աստիճաններին։

― Ես այսօր ուզում եմ լցնել ավազանը, պարոն Գեթսբի։ Շուտով կսկսվի տերևաթափը, հետո դժվար կլինի մաքրել խողովակները։

― Չէ, այսօր պետք չէ,— հակառակեց Գեթսբին,— ապա արդարանալով, դարձավ ինձ։— Գիտես, բարեկամ, ամբողջ ամառ մի անգամ չեմ մտել ջուրը։

Ես նայեցի ժամացույցին ու ոտքի ելա։

— Գնացքս շարժվում է տասներկու րոպեից։

Ես չէի ուզում գնալ աշխատ, չէի կարող աշխատել, ավելին, չէի ուզում մենակ թողնել Գեթսբիին։ Ես բաց թողեցի այդ գնացքը, մյուսն էլ, վերջապես ստիպեցի ինձ վեր կենալ։

― Կզանգեմ,— վերջում ասացի։

― Զանգիր, բարեկամ։

― Կեսօրին կզանգեմ։

Մենք դանդաղ իջանք աստիճաններով։

― Երևի Դեյզին էլ կզանգի։— Նա սպասումի մեջ նայեց ինձ՝ հուսալով, որ կհաստատեմ ասածը։

― Երևի։

― Դե, ցտեսություն։

Մենք ձեռք սեղմեցինք․ ես հեռացա։ Դալար ցանկապատին չհասած՝ ինչ֊որ բան հիշելով, շրջվեցի։

― Նրանք բոլորը ոչնչություն են,— գոռացի պարտեզով մեկ։— Դու ինքդ մենակ արժես այդ անիծյալ խումբը միասին վերցրած։

Հետագայում ուրախ էի այդ խոսքերիս համար։ Դա միակ գովեստն էր, որ նա երբևէ լսել էր ինձնից, որովհետև սկզբից մինչև վերջ անխրախուսաբար էի մոտեցել նրան․ նա քաղաքավարի գլուխ տվեց, ապա նրա դեմքը պայծառացավ և լայն ժպտաց՝ հասկանալով, ասես վաղուց մոլեդնորեն համագործակցած գիտակցել էինք այդ փաստը։ Նրա վարդագույն կոստյումը՝ այդ հիմարավուն կտորը, պարզ գծագրվում էր ճերմակ աստիճանների վրա, և ես հիշեցի այն երեկոն, երբ երեք ամիս առաջ առաջին անգամ այցելեցի այդ տոհմական տունը։ Պարտեզում ու ծառուղիներում վխտում էին այն մարդկանց դեմքերը, որոնք նրան Էին վերագրում այս կամ այն արատը, և նա, թաքցնելով իր անարատ երազը, հարթակին կանգնած, ցտեսություն էր ասում նրանց։

Ես շնորհակալություն հայտնեցի նրան հյուրընկալության համար։ Մենք բոլորս միշտ շնորհակալություն էինք հայտնում նրան այդ բանի համար՝ ես և այլևայլ մարդիկ։

― Ցտեսություն, Գեթսբի,— գոռացի։— Նախաճաշը հիանալի էր։

*  *  *



Գրասենյակ հասնելով, որոշ ժամանակ զբաղվեցի արժույթների օրվա գինը բաժնետոմսերի անվերջանալի ցուցակի մեջ անցկացնելով, բայց շուտով ննջեցի պտտվող աթոռին։ Կեսօրի մոտ հեռախոսը զարթնեցրեց ինձ, ես վեր թռա՝ քրտինքի մեջ կորած։ Ջորդան Բեյքերն՝ էր։ Նա հաճախ էր ինձ զանգում այդ ժամին, որովհետև մի որոշակի տեղ չուներ՝ մերթ լինում էր հյուրանոցներում, մերթ ակումբներում, մերթ զանազան տներում, և ես նրան չէի կարող գտնել։ Սովորաբար նրա ձայնը հեռախոսափողի միջից թարմություն ու զովություն էր բերում, կարծես գրասենյակիս պատուհանից գոլֆի կանաչ հրապարակի ճիմահողն էր ներս թռչում, բայց այդ առավոտայն հնչեց կոպիտ ու չոր։

― Ես Դեյզիի մոտ չեմ։ Հիմա Համսթեդում եմ, ցերեկը կլինեմ Սաութհամփթընում։

Հավանաբար պատշաճությունը պահանջում էր չմնալ Դեյզիի տանը, բայց դա ինձ բարկացրեց, իսկ նրա հաջորդ խոսքից ես սառեցի․

— Դու երեկ ինձ հետ լավ չվարվեցիր։

― Ի՞նչ լավ վարվելու մասին է խոսքը։

Մի պահ լռություն, ապա՝

― Բայց և այնպես, ուզում եմ քեզ տեսնել։

― Ես էլ եմ ուզում քեզ տեսնել։

― Գուցե չգնամ Սաութհամփթըն ու գամ քաղաք։

― Ոչ, այսօր չէ։

― Ինչպես ուզում ես։

― Այսօր չեմ կարող։ Զանազան գործեր․․․

Այսպես խոսեցինք մի քանի րոպե, հետո կտրուկ լռեցինք։ Չեմ հիշում մեզնից ով առաջինը կախեց լսափողը շրխկոցով, բայց հիշում եմ, այդ ժամանակ դա ինձ նույնիսկ չանհանգստացրեց։ Ես չէի կարող հանդիպել նրան այդ օրը ու քաղցր զրուցել թեյի ժամին, եթե անգամ իմանայի, որ այլևս երբեք չէի տեսնելու նրան։

Քիչ անց զանգեցի Գեթսբիին, բայց գիծր զբաղված էր։ Փորձեցի չորս անգամ։ Վերջապես կենտրոնից զայրացած հայտնեցին, որ պատվիրված է խոսակցություն Դեթրոյթի հետ։ Հանելով չվաgուցակս, մի փոքրիկ շրջանակ արեցի 3.50 թվերի շուրջը։ Ապա հենվեցի աթոռին, փորձելով կենտրոնանալ։ Ուղիղ ժամը տասներկուսն էր։

*  *  *



Երբ առավոտյան գնացքով անցնում էի խարամի կույտերի կողքով, դիտավորյալ նստեցի դիմացի շարքում։ Կարծում էի, դեռևս այնտեղ հավաքված կլիներ հետաքրքրասեր ամբոխը, փոքրիկ տղաները փոշու մեջ արյան բծեր փնտրելիս կլինեին, և մի ինչ-որ շաղակրատ կրկին ու կրկին պատմելիս կլիներ պատահածը, մինչև որ այն դառնար քիչ հավանական իր համար ու այլևս չկարողանար կրկնել, և Միրթլ Վիլսոնի ողբերգությունը մոռացության մատնվեր։ Այժմ ուզում եմ փոքր-ինչ ետ դառնալ ու պատմել, թե ինչ պատահեց գարաժում նախորդ գիշերը, մեր մեկնելուց հետո։

Քրոջը՝ Քեթրինին, դժվարությամբ գտան։ Երևի նա այդ գիշեր խախտել էր չխմելու օրենքը, որովհետև երբ նրան բերեցին, խմիչքից հիմարացել էր և ի վիճակի չէր հասկանալու, որ շտապ օգնության մեքենան արդեն դիակը տարել էր Ֆլաշինգ։ Հետո, երբ հասկացրին եղելությունը, նա անմիջապես ուշագնաց եղավ, ասես դա դժբախտ պատահարի ամենասոսկալի մասը լիներ։ Ինչ֊որ մեկը բարությունից կամ հետաքրքրասիրությունից դրդված՝ նստեցրեց նրան իր մեքենան ու տարավ քրոջ մարմնի հետքերով։

Կեսգիշերն անց էր, բայց դեռ ամբոխ էր հավաքված գարաժի առաջ, մարդիկ գալիս գնում էին, իսկ ներսում Ջորջ Վիլսոնը թախտի վրա նստած ետ ու առաջ էր ճոճվում։ Միառժամանակ գրասենյակի դուռը բաց էր, և ով գարաժ էր մտնում, անդիմադրելիորեն նայում Էր ներս։ Հետո ինչ֊որ մեկն ասաց, որ անհարմար է և փակեց դուռը։ Միքայելիսն ու մի քանի այլ մարդիկ նրա կողքին Էին՝ սկզբում չորս կամ հինգ, հետո երկու կամ երեք հոգով։ Ապա Միքայելիսը խնդրեց վերջին մնացողին տասնհինգ րոպե ևս սպասել, մինչև ինքը տուն կգնար սուրճ խմելու։ Դրանից հետո նա մինչև լուսաբաց մենակ մնաց Վիլսոնի հետ։

Ժամը երեքի կողմերը Վիլսոնի անհասկանալի մրթմրթոցներր որակական փոփոխություն կրեցին։ Նա հանդարտվեց ու սկսեց խոսել դեղին մեքենայի մասին։ Հայտարարեց, որ ինքը կիմանա, թե ում է պատկանում այդ մեքենան։ Հետո հանկարծ պատմեց, որ կինը երկու ամիս առաջ տուն էր եկել քաղաքից ուռած քթով, կապտուկները դեմքին։

Սակայն լսելով իր սեփական ձայնը, ցնցվեց, սկսեց լաց լինել ու տնքալ․ «Ա՜խ, աստված իմ»։ Միքայելիսը անհաջող փորձ արեց ցրելու նրա մտքերը։

― Քանի՞ տարի է ամուսնացած եք, Ջորջ։ Դե, լավ, հանգիստ նստիր մի րոպե ու պատասխանիր հարցիս։ Ինչքա՞ն ժամանակ է ամուսնացած եք։

— Տասներկու տարի։

― Երեխա չե՞ք ունեցել երբեք։ Դե լավ, Ջորջ։ Հանգիստ նստիր, ես քեզ բան եմ հարցնում։ Երեխա ունեցե՞լ եք։

Աղոտ լույսի տակ սև, տհաճ բզեզներ էին միմյանց բախվում թռչելիս, երբեմն մեքենա էր սուրալով անցնում, և Միքայելիսը այդ ձայնը նմանեցնում էր այն մեքենայի ձայնին, որը անցել էր մի քանի ժամ առաջ։ Նա գարաժ մտնել չէր ուզում, որովհետև նստարանը, ուր քիչ առաջ դին էր դրված, արյան բծերով էր ծածկված, այդ պատճառով էլ անհանգիստ պտտվում էր գրասենյակում, որի ամեն մի առարկան անգիր գիտեր, և ժամանակ առ ժամանակ նստելով Վիլսոնի կողքին, փորձում էր հանգստացնել նրան։

― Ո՞ր եկեղեցին ես գնում, Ջորջ։ Երևի վաղուց չես եղել այնտեղ։ Ուզո՞ւմ ես, զանգեմ քահանա կանչեմ, գա հետդ զրուցի, լսո՞ւմ ես։

— Ոչ մի եկեղեցի չեմ գնում։

― Առանց եկեղեցու հնարավոր չէ, Ջորջ, թեկուզև այս դեպքում։ Երևի մի Ժամանակ գնացել ես։ Եկեղեցում չե՞ս ամուսնացել։

― Դա շատ վաղուց էր։

Պատասխանելու ճիգից խախտվեց ճոճվելու ռիթմը։ Մի պահ Վիլսոնը լռեց։ Ապա նրա մարած աչքերը ընդունեցին նախկին կիսով չափ հասկացող, կիսով չափ վարանած հայացքըք

― Բաց արա այն դարակը,— նա մատնացույց արեց սեղանը:

― Ո՞ր դարակը։

― Ա՛յ, այդ մեկը։

Միքայելիսը բացեց առաջին իսկ մոտիկ դարակը։ Այնտեղ ոչինչ չկար, բացի կաշվե ու արծաթե թելերից հյուսված փոքրիկ թանկարժեք վզափոկից։

— Սա՞,— հարցրեց՝ դարակից հանելով։

Վիլսոնը աչքերը չռեց ու գլխով արեց։

— Երեկ եմ գտել։ Փորձեց բացատրություն տալ, բայց ես ինչ֊որ բան նախազգացի։

― Ինչ է, սա կի՞նդ Է գնել։

― Թղթի մեջ փաթաթված դրված Էր սեղանին։

Միքայելիսը տարօրինակ ոչինչ չտեսավ և տասնյակ պատճառաբանություններ բերեց, թե ինչու էր կնոջը պետք եկել վզափոկը։ Հավանաբար Վիլսոնը նման բացատրություններ արդեն լսել էր Միրթլից, որովհետև կրկին սկսեց տնքալ․ «Ա՜խ, աստված իմ», և Միքայելիսի մխիթարական խոսքերը կախվեցին օդում։

― Նա է սպանել նրան,— Վիլսոնի բերանը հանկարծ բացվեց, ու ծնոտը կախ ընկավ։

― Ո՞վ։

― Ես կգտնեմ, թե ով։

― Դու հիվանդ ես, Ջորջ։ Ուղեղդ պղտորվել Է, և խոսածդ չես իմանում։ Ավելի լավ է, փորձես հանգիստ նստել։ Շուտով լույսը կբացվի։

― Նա սպանեց նրան։

― Դա դժբախտ պատահար էր, Ջորջ։

Վիլսոնը օրորեց գլուխը, աչքերը նեղացան, բերանը թեթևակի լայնացավ՝ հաստատական բացականչության պատրաստ։

― Ես գիտեմ,— վճռական ասաց նա։— Ես հասարակ մարդ եմ և ոչ մեկին վատություն չեմ ցանկանում, բայց երբ մի բան գիտեմ, ուրեմն՝ գիտեմ։ Դա այդ մեքենայում նստած մարդն Էր։ Միրթլը դուրս վազեց հետը խոսելու, բայց նա կանգ չառավ։

Միքայելիսը նույնպես տեսել էր այդ բոլորը, բայց մտքովն անգամ չէր անցել դրա մեջ հատուկ իմաստ փնտրել։ Նա համոզված էր, որ տիկին Վիլսոնը ավելի շուտ փախչում էր ամուսնուց, քան փորձում կանգնեցնել մի ինչ֊որ որոշակի մեքենա։

― Ինչպե՞ս կարող էր նման բան անել։

― Դու նրան չես ճանաչում,— ասաց Վիլսոնը, կարծես դա պատասխան լիներ հարցին։— Ա ա՜ ա՜ խ։

Եվ նորից սկսեց ճոճվել, իսկ Միքայելիսը կանգնած՝ ձեռքում տրորում էր վզափոկը։

― Գուցե որևէ ընկեր ունես, Ջորջ, ասա՝ զանգեմ գա։

Անհուսալի բան էր։ Միքայելիսը հաստատ համոզված էր, որ Վիլսոնը ընկեր չուներ։ Նա չէր հերիքում անգամ իր սեփական կնոջը։ Քիչ անց պատուհանից դուրս նշմարեց կապտին տվող երկինքը։ Ժամը հինգին արդեն լույս էր, և հնարավոր եղավ անջատել էլեկտրականությունը։

Վիլսոնի ապակյա աչքերը ուղղվեցին խարամի կույտերի կողմը, որոնցից ծխացող գորշ ամպերի քուլաները երևակայական ձևեր ընդունելով՝ այս ու այն կողմ էին քշվում վաղորդյան մեղմիկ քամուց։

― Ես խոսեցի հետը,— երկար լռությունից հետո մրթմրթաց նա։

— Ես ասացի նրան, որ կարող է ինձ խաբել, բայց աստծուն՝ ոչ։ Ես նրան մոտեցրի պատուհանին,— նա ճիգով ոտքի ելավ և կանգնեց պատուհանի առջև,— և ասացի. «Աստված գիտե, թե դու ինչ ես անում, քո բոլոր արարքները։ Դու կարող ես ինձ խաբել, բայց աստծուն՝ ոչ»։

Միքայելիսը ցնցվեց, տեսնելով, որ Վիլսոնը նայում էր բժիշկ Էքլբերգի անկենդան աչքերին, որոնք հայտնվել էին չքացող մթության միջից։

― Աստված տեսնում Է ամեն ինչ,— կրկնեց Վիլսոնը։

― Դա ազդ Է,— փորձեց բացատրել Միքայելիսը։

Ինչ-որ բան ստիպեց նրան հեռանալ պատուհանից։ Իսկ Վիլսոնը գլուխն օրորելով դեռ երկար կանգնեց և դեմքը ապակուն հպած դիտում Էր աղջամուղջը։

*  *  *



Ժամը վեցին Միքայելիսը հազիվ Էր ոտքերի վրա մնում և ուրախացավ, լսելով մոտեցող մեքենայի ձայնը։ Դա նախորդ գիշերվա մարդկանցից մեկն էր, որ խոստացել էր ետ գալ։ Միքայելիսը երեք հոգու համար նախաճաշ պատրաստեց, որը նրանք կերան երկուսով։ Վիլսոնն այժմ հանդարտվել էր, և Միքայելիսը տուն գնաց քնելու։ Երբ չորս ժամ անց արթնացավ ու շտապեց գարաժ, Վիլսոնը չքացել Էր։

Հաջողվեց իմանալ նրա անցած ճանապարհը. նա ոտքով եկել Էր Ռուզվելթ նավահանգիստը, հասեվ Գեթհիլ, ուր գնել էր մի բաժակ սուրճ և սենդվիչ, որը չէր կերել։ Ըստ երևույթին շատ էր հոգնած, որովհետև դանդաղ էր քայլում և միայն կեսօրին մտավ Գեթհիլ։ Այնպես որ դժվար չեղավ վերականգնել նրա երթուղին ժամանակի առումով․ մի տեղ տղաները տեսել էին, թե ինչպես ճանապարհով անցնում էր մեկը, որը «կկարծես գիժ լիներ», մեկ ուրիշ տեղ վարորդները նկատել էին տարօրինակ հայացքով մեքենաներին նայող մի մարդու։ Հետո նրա հետքը կորչում էր երեք Ժամով։ Ոստիկանությունը հիմք էր ընդունում Միքայելիսին ասված խոսքերը՝ թե ինքը կգտնի մարդասպանին, և ենթադրում էր, որ Վիլսոնը դեղին մեքենա փնտրելու միտումով մտել էր մոտակայքի գարաժները։ Բայց մյուս կողմից ոչ մի գարաժի տեր չէր տեսել նրան, գուցե շատ ավելի հեշտ ու ստույգ միջոց էր գտել իմանալու։ Երկուսն անց կեսին նրան տեսել էին Վեսթ Էգգում, ուր հարցրել էր Գեթսբիի տան ճամփան։ Հետևաբար, մինչ այդ էր իմացել Գեթսբիի անունը։

*  *  *



Ժամը երկուսին Գհթսբին հագավ լողազգեստը և պատվիրեց ծառային, որ եթե մեկն ու մեկը զանգահարեր, ապա իրեն իմաց տային լողավազանում։ Նա մտավ գարաժ և վարորդի օգնությամբ փչեց ներքնակը, որից ամառվա ընթացքում օգտվել էին հյուրերը։ Ապա խստիվ արգելեց մեքենան գարաժից դուրս հանել, և սա տարօրինակ էր, որովհետև աոջևի աջակողմյան թևը նորոգման կարիք էր զգում։

Ներքնակը ուսին գցած՝ Գեթսբին շարժվեց դեպի լողավազանը։ Մի անգամ կանգ առավ ուղղելու․ վարորդը հարցրեց, թե արդյոք օգնության կարիք չի զգում, բայց նա շարժեց գլուխը և քիչ անց անհետացավ դեղնող ծառերի ետևում։

Ոչ ոք չզանգահարեց, բայց ծառան, զոհելով իր ցերեկային քունը, սպասեց մինչև ժամը չորսը, չնայած այդ ժամին արդեն ոչ մեկին պետք չէր տեղյակ պահել զանգի մասին։ Հավանաբար Գեթսբին ինքն էլ չէր հավատում այդ զանգին, գուցե այլևս նշանակություն չէր տալիս դրան։ Եթե դա այդպես էր, ուրեմն զգում էր, որ արդեն կորցրել էր իր հին, տաքուկ աշխարհը, շատ բարձր գին վճարել իր միակ երազին այդքան երկար հավատարիմ մնալու համար։ Նա պետք է սարսափազդու սաղարթի միջով նայած լիներ անծանոթ երկնքին, պետք է որ սոսկացած լիներ՝ հայտնաբերելով, թե ինչ անհեթեթ կառուցվածք ունի վարդը և ինչպիսի ուժգնությամբ է ընկնում արևի լույսը իմիջիայլոց ստեղծված խոտի վրա։ Դա նոր նյութական աշխարհ էր, բայց անիրական, ուր խղճուկ ուրվականները օդի փոխարեն երազներ շնչելով, անիմաստ սլկտում Էին... նման խարամե երևակայական կերպարանքին, որ դանդաղ սահելով առաջանում էր անձև ծառերի արանքից։

Վարորդը՝ Վուլֆշայմի հովանավորյալներից մեկը, որ լսել էր կրակոցները, հետո ասաց, որ առանձնապես ուշադրություն չէր դարձրել դրանց։ Ես կայարանից անմիջապես գնացի Գեթսբիի մոտ, և իմ հապճեպ վազքը աստիճաններով՝ տագնապի առաջին ազդանշանը եղավ։ Բայց հաստատ համոզված եմ, նրանք արդեն գիտեին։ Մենք չորսով՝ վարորդը, ծառան, պարտիզպանը և ես, անխոս նետվեցինք դեպի լողավազան։

Մակերևույթին թրթռացող ջրի թեթևակի, հազիվ նշմարելի հոսքը լցվում էր մի կողմից և անհետանում մյուսից։ Մանր ալիքների վրա օրորվելով՝ անկանոն լող էր տալիս ներքնակն իր բեռով։ Մակերեսը հազիվ ակոսող քամու թեթևակի հոսանքը բավական էր շեղելու այդ պատահական բեռը՝ իր պատահական երթից։ Երբեմն տերևների մի կույտ կարկինի նման դանդաղ պտտում էր ներքնակը՝ ալ կարմիր շրջան գծելով ջրի մեջ։

Երբ Գեթսբիին տուն էինք տանում, պարտիզպանը նկատեց Վիլսոնի մարմինը խոտերի մեջ մի կողմ ընկած, և ողբերգությունը ավարտուն դարձավ։

Գլուխ իններորդ

Այժմ, երկու տարի անց, ես այդ օրվա շարունակությունը, գիշերը և հետևյալ օրը հիշում եմ որպես Գեթսբիի առանձնատնից ներս ու դուրս անող ոստիկանների, լուսանկարիչների ու թղթակիցների անդուլ շրջապտույտ։ Գլխավոր դարպասի երկայնքով պարան ձգեցին, և մի ոստիկան կանգնեց ետ պահելու հետաքրքրասերներին, բայց տղաները շուտով հայտնաբերեցին, որ իմ բակի միջով կարելի էր մտնեվ Գեթսբիի պարտեզը, և ամբողջ ժամանակ լողավազանի կողքին հավաքված էին բերանբաց տղաներ։ Ինչ-որ ինքնավստահ մեկը, հավանաբար խուզարկու, այդ օրը կռանալով Վիլսոնի մարմնի վրա, արտասանեց «խելագար» բառը, և նրա հեղինակավոր ձայնը հիմք հանդիսացավ առավոտյան լրագրերի հաղորդագրությունների համար։

Այդ հաղորդագրությունները մղձավանջային էին՝ զավեշտական մանրամասներ պարունակող, ճոռոմ, հեռու իրականությունից։ Երբ Միքայելիսը հարցաքննության ժամանակ պատմեց Վիլսոնի՝ կնոջ նկատմամբ ունեցած կասկածների մասին, ես մտածեցի, որ այժմ ողջ պատմությունը անպարկեշտ զրպարտության բնույթ կընդունի, բայց Քեթրինը, որը կարող էր մի քանի խոսք ասել, լռեց։ Նա ապշեցուցիչ կամքի ուժ ցուցաբերեց, վճռական աչքերով նայեց քննիչին իր պոկռտած հոնքերի տակից և երդվեց, որ քույրը երբեք չի ճանաչել Գեթսբիին, միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել ամուսնու հետ, և ընդհանրապես երբևէ ոչ մի զանցանք չի գործել։ Նա նույնիսկ իրեն համոզեց դրանում և թաշկինակը բերանին սեղմած լաց եղավ, ասես կասկածի նշույլն անգամ վիրավորական լիներ իր համար։ Այսպիսով, Վիլսոնը հռչակվեց «վշտից խախտված մարդ», որպեսզի հնարավորին չափ պարզեցվեր գործը։ Եվ այստեղ վերջակետ դրվեց։

Սակայն այդ ամենը ինձ համար հեռավոր էր ու ոչ էական։ Պարզվեց, որ Գեթսբին ինձնից բացի ոչ մի մտերիմ չուներ։ Այն պահից, երբ զանգահարեցի Վեսթ Էգգ՝ հաղորդելու դժբախտ լուրը, յուրաքանչյուր ենթադրության և յուրաքանչյուր գործնական հարցի համար ինձ էին դիմում։ Սկզբում ապշած ու շփոթված էի։ Բայց վերջում, երբ ժամանակը անցնում էր, և նա պառկած էր անշարժ, անկյանք և անխոս, մեջս պատասխանատվության զգացում արթնացավ, որովհետև միայն ե՛ս էի հետաքրքրվում նրանով, ուզում եմ ասել, միայն ե՛ս էի ցուցաբերում այն խոր, անձնական հետաքրքրությունը, որի իրավունքը բոլորս ունենք մեր կյանքի վերջում։

Գեթսբիին գտնելուց կես ժամ անց բնազդաբար զանգեցի Դեյզիին, զանգեցի առանց տատանվելու։ Բայց պարզվեց, որ նա ու Թոմը մեկնել Էին վաղ առավոտյան, իրենց հետ վերցնելով ճամպրուկներ։

― Հասցե չե՞ն թողել։

— Ոչ։

— Չե՞ն ասել, երբ կգան։

— Ոչ։

— Իսկ գիտե՞ք, թե որտեղ են։ Ինչպե՞ս գտնել նրանց։

― Չգիտեմ։ Չեմ կարող ասել։

Ես ուզում Էի Գեթսբիի համար գտնել որևէ մեկին Ուզում էի մտնել սենյակ, ուր նա պառկած էր, և հանգստացնել նրան․ «Ես կգտնեմ որևէ մեկին քեզ համար, Գեթսբի։ Մի անհանգստանա։ Հավատա ինձ, ես քեզ համար մեկն ու մեկին կճարեմ»։

Մեյեր Վուլֆշայմի անունը չկար հեռախոսագրքի մեջ։ Ծառան ինձ տվեց նրա Բրոդվեյի գրասենյակի հասցեն, և ես զանգեցի տեղեկատու, բայց երբ իմացա համարը, արդեն հինգն անց էր, և ոչ ոք չպատասխանեց։

— Նորից զանգահարեք։

― Երեք անգամ փորձեցի։

― Շատ կարևոր գործ է։

― Ցավում եմ, բայց այնտեղ ոչ ոք չկա։

Ես վերադարձա հյուրասենյակ և մի ակնթարթ բոլոր պաշտոնական անձանց պատահական այցելուների տեղ դրեցի։ Բայց երբ նրանք քաշում էին սավանը, նայում Գեթսբիի անշարժ աչքերին, ուղեղումս շարունակվում էր նրա բողոքը։

— Լսիր, բարեկամ, դու պետք է մարդ գտնես ինձ համար։ Պետք է ջանք չխնայես։ Ես այս բոլորին մենակ դիմանալ չեմ կարող։

Ինչ-որ մեկն սկսեց հարցեր տալ ինձ, բայց ես իսկույն խույս տվեցի և գնացի վերևի հարկը, ուր սկսեցի շտապ աչքի անցկացնել նրա սեղանի չկողպած դարակները․ նա ինձ երբեք որոշակի չէր ասել, որ ծնողները մեռած էին։ Ոչ մի տեղ ոչինչ չգտա, միայն պատից նայում էր Դան Քոդիի լուսանկարը՝ որպես հիշատակ անցած֊գնացած փոթորիկների։

Առավոտյան ծառայի հետ ուղարկեցի Վուլֆշայմին ուղղված նամակ, ուր հարցուփորձ էի անում Գեթսբիի մասին և պարտադրում գալ հաջորդ գնացքով։ Գրելիս այդ վերջինն ինձ ավելորդ թվաց։ Համոզված էի, որ նա կգար թերթերը կարդալուց հետո, ճիշտ այնպես, ինչպես համոզված էի, որ Դեյզին հեռագիր կուղարկեր։ Բայց ոչ հեռագիրն ստացվեց, ոչ էլ պարոն Վուլֆշայմը եկավ։ Միայն նորանոր ոստիկաններ, լուսանկարիչներ և լրագրողներ ժամանեցին։ Երբ ծառան բերեց Վուլֆշայմի պատասխանը, ես լցվեցի ցասումով ու արհամարհանքով․

«Սիրելի պարոն Քարավեյ։ Սա իմ կյանքի ամենասարսափելի հարվածներից է, և ես չեմ կարողանում հավատալ, որ դա իրոք այդպես է։ Այդ մարդու անմիտ արարքը մեզ բոլորիս մտածելու առիթ է տալիս։ Ես հիմա չեմ կարող գալ, որովհետև չափազանց կարևոր գործով եմ զբաղված, և ինձ չի կարելի այդ կարգի պատմությունների մեջ ընկնել։ Եթե հետո կարողանում որևէ բանով օգտակար լինել, Էդգարի միջոցով իմաց տվեք։ Նման բաներն ինձ շարքից հանում են, ես ցնցված եմ ու ամբողջովին կորցրել եմ ինքս ինձ։

Անկեղծորեն Ձեր՝ Մեյեր Վուլֆշայմ»

Եվ ապա՝ հապճեպ մի հետգրություն ներքևում․

«Իմաց տվեք՝ երբ է թաղումը և այլն․ ոչ մի բան չգիտեմ ընտանիքի մասին»։

*  *  *



Երբ երեկոյան հեռախոսը զնգաց և միջքաղաքայինը միացրեց Տիկադոն, ես մտածեցի, որ վերջապես Դեյզին է։ Բայց հեռախոսափողի մեջ լսվեց տղամարդու ձայն՝ խուլ ու հազիվ լսելի։

― Սլեգըլն է խոսում։

― Լսում եմ։— Ազգանունն անծանոթ էր։

― Այ քեզ պատմություն, հա՜։ Ստացա՞ք իմ հեռագիրը։

― Ոչ մի հեռագիր չենք ստացել։

— Երիտասարդ Փարքերը բռնվեց,— շտապ վրա բերեց ձայնը։— Նրան բռնեցին թղթերը տալիս։ Նյու Յորքից հաղորդագրություն էին ստացել համարներով, բռնելուց ուղիղ հինգ րոպե առաջ։ Ինչ կասեք այդ մասին, հը՞։ Այս գավառական քաղաքներում չգիտես ինչի կհանդիպես․․․

― Ալո,— շնչակտուր ընդհատեցի ես։― Լսեք, սա պարոն Գեթսբին չէ։ Նա մեռած է։

Լարի մյուս ծայրում երկարատև լռություն տիրեց, որին հաջորդեց բացականչություն․․․ ապա կտրուկ շրխկոց, և գիծն անջատվեց։

*  *  *



Երևի երրորդ օրը Միննեսոթա քաղաքից Հենրի Չ․ Գեթս ստորագրությամբ հեռագիր ստացվեց։ Այնտեղ ասվում էր, որ ուղարկողը անմիջապես ճանապարհ է ընկնում և խնդրում հետաձգել թաղումը մինչև իր գալը։

Դա Գեթսբիի հայրն էր՝ մի վշտոտ ծերունի, բավական անօգնական ու շվարած, չնայած սեպտեմբերյան տաք օրվան՝ կոլոլված երկար, էժանագին թիկնոցի մեջ։ Նրա աչքերը հուզմունքից շարունակ արցունքակալվում էին, և երբ ձեռքից վերցրեցի պայուսակն ու հովանոցը, նա սկսեց այնպիսի ուժգնությամբ ձգել մոխրագույն, ցանցառ մորուքը, որ մի կերպ հաջողվեց հանել թիկնոցը։ Նա հազիվ էր կանգնում ոտքի վրա, այնպես որ, ես նրան տարա երաժշտասենյակ, նստեցրի և ուտելիք պատվիրեցի ծառային, բայց նա ոչինչ չկերավ, և նրա դողդոջ ձեռքերում կաթը թափվեց բաժակից։

― Ես Չիկագոյի թերթում կարդացի,— ասաց։— Չիկագոյի թերթում էր գրված այդ մասին։ Եվ անմիջապես ճանապարհ ընկա։

― Ես ձեզ գտնել չէի կարող։

Նրա ոչինչ չտեսնող հայացքը պտտվում էր սենյակում։

― Դա խելագարի գործ է։ Իհարկե, միայն խելագարը կարող էր նման բան անել։

― Գուցե սո՞ւրճ խմեք,— պնդեցի ես։

― Ոչ մի բան չեմ ուզում։ Ես հիմա լավ եմ զգում ինձ, պարոն․․․

― Քարավեյ։

― Ես արդեն լավ եմ զգում ինձ։ Ո՞րտեղ է Ջիմմին։

Ես նրան տարա հյուրասենյակ, ուր որդին էր պառկած, և թողեցի նրան մենակ։ Հարթակի վրա հավաքված մի քանի տղաներ նայում էին ներս։ Երբ նրանց ասացի, թե ով էր եկողը, նրանք դժկամությամբ հեռացան։

Քիչ անց դուռը բացվեց, և պարոն Գեթսը դուրս ելավ, նրա բերանը բացված էր, դեմքը թեթևակի կարմրած, աչքերից թափվում էին հատ ու կենտ արցունքներ։ Նա այն տարիքում էր, երբ մահը այլևս սարսափելի անակնկալ չէր, և երբ առաջին անգամ նայեց շուրջը, տեսավ դահլիճի բարձր առաստաղն ու շքեղությունը և մեկը մյուսի մեջ բացվող ընդարձակ սենյակները, նրա վշտին խառնվեց երկյուղած հպարտությունը։ Ես նրան տարա վերև, հյուրերի սենյակներից մեկը և, մինչ նա կհաներ բաճկոնն ու ժիլետը, ասացի, որ բոլոր կարգադրություններն առժամանակ դադարեցված են նրա գալու կապակցությամբ։

― Ես չգիտեի ձեր ցանկությունը, պարոն Գեթսբի։

― Իմ ազգանունը Գեթս է։

― ․․․ պարոն Գեթս։ Ես մտածեցի, որ գուցե դուք կուզենաք մարմինը տեղափոխել Արևմուտք։

Նա տարուբերեց գլուխը։

― Ջիմմին միշտ էլ սիրել է Արևելքը։ Նա այստեղ հասավ այդ դիրքին։ Դուք իմ տղայի ընկե՞րն էիք, պարոն․․․

― Մենք մտերիմ ընկերներ էինք։

— Նա շատ առաջ կգնար, հավատացեք։ Նա դեռ երիտասարդ էր, բայց խելքը տեղն էր։

Եվ ձեռքը ազդեցիկ շարժումով մոտեցրեց ճակատին․ ես համաձայնության նշան արեցի։

— Եթե նա ապրեր, մեծ մարդ կդառնար Ջեյմս Ջ․ Հիլլի նման։ Մեծ օգուտ կտար երկրին։

— Ճիշտ է,— տատամսեցի ես։

Նա հեռացրեց ասեղնագործ անկողնակալը, ձիգ պառկեց անկողնում ու անմիջապես քուն մտավ։

Երեկոյան զանգեց ակնհայտորեն վախեցած ինչ֊որ մեկը, որը նախքան անունը տալը ցանկացավ իմանալ, թե ում հետ է խոսում։

― Պարոն Քարավեյն է։

― Ա՜ա,— ուրախացավ նա։— Քլիփսփրինգերն է։

Ես էլ ուրախացա, որովհետև հավանաբար մեկ ուրիշ ընկեր էլ կգար Գեթսբիի դագաղի ետևից։ Ես չէի ուզում լրագրերում հայտարարություն տալ, որպեսզի հետաքրքրասերների ամբոխ չհավաքվեր, այնպես որ ինքս էի մտադրվել զանգել ծանոթներին։ Դժվար էր նրանց գտնելը։

— Թաղումը վաղն է,— ասացի։— Ժամը երեքին շարժվելու ենք։ Խնդրում եմ, հայտնեցեք բոլորին, ովքեր կցանկանան գալ։

— Դե, իհարկե,— շտապ ընդհատեց նա։— Հազիվ թե որևէ մեկին տեսնեմ, բայց եթե տեսնեմ՝ կասեմ։

Նրա ձայնը կասկած հարուցեց։

― Դուք ինքներդ, երևի, կգաք։

― Կաշխատեմ։ Գիտեք ինչի համար եմ զանգել․․․

― Մի վայրկյան,— ընդհատեցի ես։— Ինչպե՞ս թե կաշխատեմ։

― Գիտե՞ք ինչ։ Ճիշտն ասած, ես այժմ ապրում եմ Գրինվիչում, իմ ծանոթների մոտ, և պետք է վաղը լինեմ տանը։ Հավաքույթի պես մի բան ենք անելու։ Բայց ես ձեռքիցս եկածը կանեմ, որ գամ։

Նա անշուշտ լսեց իմ անզուսպ բացականչությունը, որովհետև շտապ վրա տվեց։

― Ես այդտեղ մի զույգ կոշիկ եմ թողել և զանգել եմ իմանալու, թե արդյոք ձեզ համար դժվար չի լինի ծառայի հետ ուղարկել դրանք։ Հասկանում եք, թենիսի կոշիկներ են, առանց դրանց չեմ կարող։ Իմ հասցեն․․․— Ես չլսեցի շարունակությունը, կախեցի լսափողը։

Քիչ անց ամաչեցի Գեթսբիի փոխարեն։ Նրա ծանոթներից մեկը, որին զանգահարեցի, եզրափակեց, որ նրան այդպես էլ պետք էր։ Համենայն դեպս, ես եմ մեղավորը․ այդ մարդը պատկանում էր նրանց թվին, որոնք բոլորից շատ էին բամբասում Գեթսբիին՝ խիզախություն ստացած նրա գինուց, և կարիք չկար զանգահարել նման մեկին։

Թաղման առավոտը գնացի Մեյեր Վուլֆշայմի գրասենյակը, քանի որ այլ կերպ չէի կարող գտնել նրան։ Վերելակավարը ինձ ցույց տվեց նրա սենյակի դուռը, որի վրա գրված էր «Սվաստիկա բաժնետիրական ընկերություն»։ Սկզբում թվաց, թե մարդ չկա ներսում։ Մի քանի անգամ իզուր ձայն տալուց հետո միջնորմի ետևում վիճաբանություն ծագեց․ քիչ հետո հայտնվեց մի սիրունիկ հրեուհի և իր սև աչքերը թշնամանքով հառեց վրաս։

― Մարդ չկա։ Պարոն Վուլֆշայմը գնացել է Չիկագո։

Նրա ասածի առաջին մասը ակնհայտորեն ճիշտ չէր, որովհետև ներսում սկսեցին սուլել «Վարդանոցը» երգը։

― Խնդրում եմ, ասացեք նրան, որ պարոն Քարավեյն է ուզում խոսել հետը։

― Ես չեմ կարող նրան Չիկագոյից ետ բերել։

Այդ պահին դռան ետևից մեկը բղավեց՝ «Uտելլա»․ դա անկասկած Վուլֆշայմի ձայնն էր։

― Թողեք ձեր այցետոմսը սեղանին,— շտապեց ուղղել նա։— Երբ վերադառնա, կտամ։

― Բայց չէ որ նա ներսում է։

Մի քայլ անելով՝ նա զայրացած սկսեց ձեռքերը սահեցնել կոնքերով վեր ու վար։

― Ձեզ նմանները կարծում են, որ ուզած ժամանակ կարող են ներս խցկվել։ Մենք ձանձրացել ենք ձեզանից։ Երբ ես ասում եմ, որ նա Չիկագոյում է, ուրեմն Չիկագոյում է,— գոռգոռաց նա։

Ես տվեցի Գեթսբիի անունը։

― Ա՜ա,— նա կրկին նայեց ինձ։— Սպասեցեք մի րոպե։ Ի՞նչ հաղորդեմ նրան։

Նա չքվեց։ Քիչ անց Մեյեր Վուլֆշայմը տխուր հայտնվեց դռան շեմին, ձեռքերն առաջ մեկնած։ Նա ինձ ներս տարավ և հարգարժան ձայնով ասաց, որ մեզ բոլորիս համար դա մեծ վիշտ է, և ինձ սիգար առաջարկեց։

― Հիշում եմ, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան,— շարունակեց Վուլֆշայմը,— երիտասարդ մայոր էր, բանակից նոր զորացրված, զարդարված պատերազմում ստացած շքանշաններով։ Միջոցներ չուներ շոր գնելու, այդ պատճառով էլ միշտ համազգեստ էր հագնում։ Ես նրան տեսա Վայնբրեների խաղատանը, Քառասուներեքերորդ փողոցում, ուր եկել էր աշխատանք փնտրելու։ Երկու օր էր՝ ոչինչ չէր կերել։ Ես նրան ճաշի հրավիրեցի, և նա կես ժամում չորս դոլարի ուտելիք կերավ։

― Դուք նրան օդնեցի՞ք ոտքի կանգնելու։

― Ի՞նչ, օգնեցի։ Ես նրան մարդ դարձրի։

― Հը՛մ։

― Ես նրան ցեխից հանեցի, ոչնչից մարդ դարձրի։ Իսկույն նկատեցի, որ գեղեցիկ երիտասարդ է, և երբ ասաց, որ սովորել է «Օգսֆորդում», մտածեցի՝ կարելի է նրան օգտագործել։ Ստիպեցի ամերիկյան լեգեոն մտնել, և այնտեղ շատ առաջ գնաց։ Հենց այդ ժամանակ էլ իմ մի հաճախորդը Օլբանիում նրան գործ առաջարկեց։ Մենք շատ կիպ էինք․․․— նա բարձրացրեց իր երկու հաստ մատները,— միշտ միասին։

Ես մտածեցի, թե արդյոք նրանք չէին համագործակցե՞լ 1919 թվականին։

― Իսկ այժմ նա մեռած է,— քիչ անց ասացի ես։— Դուք նրան մոտիկ մարդ եք, և գիտեմ, կցանկանաք գալ նրա թաղմանը։

― Իհարկե, կցանկանամ։

― Դե, ուրեմն եկեք։

Նրա ռունգների մազերը թեթևակիորեն ցնցվեցին, և երբ տարուբերեց գլուխը, աչքերն արցունքակալվեցին։

― Չեմ կարող, չեմ կարող խառնվել այդ գործին։

— Ինչ գործ։ Ամեն ինչ արդեն վերջացած Է։

― Երբ մարդուն սպանում են, ես այդ գործին չեմ ուզում խառնվել։ Երիտասարդ ժամանակս ուրիշ էր։ Եթե որևէ ընկեր մեռնում էր, ով ուզում է լիներ, ես մինչև վերջ նրանից չէի հեռանում։ Ուզում եք ինձ լալկան համարեք, բայց այդպես էր լինում, մինչև վերջին րոպեն չէի բաժանվում նրանից։

Հասկացա։ Ինչ֊որ որոշակի պատճառ ստիպում էր նրան չգալ, ուստի ոտքի ելա։

― Դուք քոլե՞ջ եք ավարտել,— հանկարծ հետաքրքրվեց։ Մի պահ մտածեցի, հիմա ուր որ է կառաջարկի «ընգերակցություն», բայց նա միայն գլխով արեց ու թոթվեց ձեռքս։— Պետք է մարդուն ընկեր լինել կենդանության օրոք, ոչ թե մահվանից հետո,— ասաց նա։— Իմ կարծիքով, մեռածին ոչնչով չես օգնի։

Երբ դուրս եկա գրասենյակից, երկինքը մթնել էր, և Վեսթ Էգգ հասա բարակ անձրևի տակ։ Շորերս փոխելուց հետո գնացի Գեթսբիի տուն։ Պարոն Գեթսը հուզված քայլում էր դահլիճում։ Նրա հպարտությունը որդու և նրա ունեցվածքի նկատմամբ գնալով աճում էր, և այժմ նա ինչ-որ բան ուներ ինձ ցույց տալու։

― Այս նկարը Ջիմմին էր ուղարկել։— Դողդոջուն մատներով նա հանեց դրամապանակը։— Ահա՛, տեսե՛ք։

Դա առանձնատան լուսանկարն էր՝ ձեռքերի հպումից անկյուններում ճաքած ու կեղտոտված։ Նա մանրամասնորեն ցույց տվեց ամեն մի բարեմասնություն, հիացմունք որսալով իմ աչքերում, ամեն անգամ «հապա մի նայեք» ասելով։ Այնքան հաճախ էր ցույց տվել այդ նկարը, որ այն ավելի իրական էր, քան առանձնատունը։

― Ջիմմին էր ուղարկել։ Լավ նկար է։ Շատ հաջող է ստացվել։

― Չտեսնված։ Դուք Ջիմմիին վաղո՞ւց է չեք տեսել։

― Նա երկու տարի առաջ եկավ և ինձ համար գնեց տուն, ուր հիմա ապրում եմ։ Իհարկե, մենք շատ տանջվեցինք, երբ նա հեռացավ մեզանից, բայց հիմա տեսնում եմ, իրավունք ուներ։ Գիտեր, որ իրեն մեծ ապագա է սպասում։ Իսկ երբ մարդ դարձավ, ոչինչ չէր խնայում ինձ համար։

Նա չէր ուզում բաժանվել նկարից և դանդաղում էր՝ պահելով այն աչքերիս առաջ։ Հետո դրեց դրամապանակի մեջ ու գրպանից հանեց մի հին քրքրված գիրք՝ «Ցատկիր, Քասիդի» վերնագրով։

― Տեսեք, սա դեռ երեխա ժամանակից է պահպանվել։ Շատ բան կասի ձեզ։

Նա բացեց ետևի կազմը, շրջեց, որ տեսնեմ։ Վերջին էջում գրված էր «Դասացուցակ» և ամսաթիվը՝ 12 սեպտեմբերի 1906 թ․, իսկ ՝ ներքևում․

Արթնանալ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ առավոտյան ժ․ 6-ին
Վարժություն մարզագնդերով և մագլցել պատի վրայով ․ ․ ․ 6․15 ― 6․30
Ուսումնասիրել էլեկտրականություն և այլն ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 7․15 ― 8․15
Աշխատել ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8․30 — 16․30
Բեյսբոլ և սպորտ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 16․30 - 17․00
Ճարտասանություն, կեցվածք ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 17․00-18․00
Ուսումնասիրել անհրաժեշտ գյուտերը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 19․00 ― 21․00

Ընդhանուր որոշումներ

Ժամանակ չվատնել Շաֆթերսի (կամ անունը ընթեռնելի չէր) վրա։
Չծխել, ծամոն չծամել։
Լոգանք՝ օրումեջ։
Կարդալ օգտակա գիրք կամ ամսագիր ամեն շաբաթ։
Խնայել շաբաթական հինգ (ջնջած) երեք դոլար։
Լավ վերաբերվել ծնողներին։

― Պատահաբար ձեռքս ընկավ,— ասաց ծերուկը։— Շատ բան է ասում, չէ՞։ Ջիմմին առաջ կգնար։ Միշտ որոշումներ էր ընսունում։ Նկատեցի՞ք, թե ինչ էր գրված ուղեղը մարզելու մասին։ Շարունակ այդ ուղղությամբ էր մտածում։ Մի անգամ ասաց, որ խոզի պես եմ ուտում, ես էլ ծեծեցի նրան։

Նա չէր ուզում փակել գիրքը և, զննողաբար նայելով ինձ, բարձրաձայն կարդում էր գրառումները։ Երևի կարծում էր, թե կարտագրեմ ցուցակը անձնական օգտագործման համար։

Դեռ երեքը չկար, երբ լյութերական քահանան ժամանեց Ֆվաշինգից։ Ես ակամա նայեցի պատուհանից դուրս՝ տեսնելու, թե արդյոք ուրիշ մեքենաներ չեն գալիս։ Գեթսբիի հայրն էլ նույնը արեց։ Իսկ երբ մոտեցավ թաղման ժամը, և ծառաները ներս մտան ու կանգնեցին, ծերուկը սկսեց անհանգիստ թարթել աչքերը և ինչ-որ անորոշ բան մրթմրթալ անձրևի մասին։ Քահանան մի քանի անգամ նայեց ժամացույցին, ես ծերուկին մի կողմ տարա և խնդրեցի սպասել կես ժամ ևս։ Բայց անօգուտ։ Ոչ ոք չեկավ։

Ժամը հինգին երեք մեքենայից բաղկացած մեր թափորը հասավ գերեզմանատուն և կանգ առավ անձրևի տակ, դարպասի մոտ․ առաջինը դիակառքը՝ սարսափելիորեն սև ու թաց, ապա լիմուզինը, որի մեջ էինք քահանան, պարոն Գեթսը և ես, իսկ վերջում՝ Գեթսբիի բաց մեքենան՝ մեջը չորս կամ հինգ ծառա և Վեսթ Էգգի փոստատարը, բոլորն էլ մինչև ոսկորները թրջված։ Երբ արդեն մտել էինք գերեզմանատուն, լսեցի մեքենայի ձայն, ապա ինչ-որ մեկը չփչփացնելով ջրափոսերի մեջ, շտապեց հասնել մեզ։ Ես շրջվեցի։ Դա Բվեճն էր, որին երեք ամիս առաջ հանգիպել էի Գեթսբիի գրադարանում՝ հիացած՝ գրքերը զննելիս։

Ես այդ օրվանից նրան չէի տեսել։ Չգիտեմ, ինչպես էր իմացել թաղման օրը, նույնիսկ անունը չգիտեմ։ Անձրևը հոսում էր նրա ակնոցի հաստ ապակիներից, և նա սրբեց դրանք՝ տեսնելու, թե ինչպես էին Գեթսբիի գերեզմանի վրա անջրանցիկ քաթան քաշում։

Այդ պահին փորձեցի մտածել Գեթսբիի մասին, բայց նա արդեն շատ հեռու էր, և միայն կարողացա առանց վրդովմունքի հիշել, որ Դեյզին ոչ հեռագիր, ոչ էլ ծաղիկ ուղարկեց։ Ինչ-որ մեկը կիսաձայն մռմռաց․ «Օրհնյալ են այն մեռելները, որոնց վրա է թափվում անձրևը», և ապա Բվեճը աշխույժ վրա բերեց՝ «Ամեն»։

Մենք անձրևի տակ խառնիխուռն շտապեցինք դեպի մեքենաները։ Դարպասի մոտ Բվեճը դիմեց ինձ։

― Ես չկարողացա ժամանակին գալ։

― Ոչ ոք էլ չկարողացավ։

― Ի՞նչ եք ասում։— Նա ցնցվեց։— Տե՜ր իմ աստված։ Հարյուրներով մարդ էր մտնում նրա տուն։

Նա հանեց ակնոցը և կրկին երկու կողմից սրբեց ապակիները։

— Խեղճ տղա,— ասաց նա։

*  *  *



Իմ կյանքի ամենավառ հիշողություններից մեկը Ծննդյան տոնի նախօրեին Արևմուտք գնալն էր՝ նախ դպրոցի, հետո՝ քոլեջի արձակուրդներին։ նրանք, ովքեր Չիկագոյից հեռու էին գնում, դեկտեմբերյան մի երեկո ժամը վեցին հավաքվում էին հին, կիսախավար Յունիոն կայարանում, քաղաքում ապրող մեր ընկերների հետ, որոնք արդեն տոնական տրամադրության մեջ էին և գալիս էին մեզ գնաս բարով ասելու։ Ես հիշում եմ օրիորդ Այսինչի կամ օրիորդ Այնինչի՝ գիշերօթիկ դպրոցից տուն դարձող աղջիկների մուշտակները, նրանց սառած շնչի գոլորշին, նրանց ձեռքի թափահարումները հին ծանոթներ տեսնելիս, հրավերները՝ «Կգա՞ս Օրդվեյների մոտ, Հերսիների տուն, Շուլցերի մոտ» և երկար կանաչ տոմսերը՝ պինդ սեղմած մեր ձեռնոց դրած ձեռքերում։ Իսկ գծերի վրա, կառամատույցի ելքի դիմաց, զվարթ, ինչպես Ծննդյան տոնը, կանգնած էին Չիկագո, Մելիոքի, Սենթ Փոլ ուղևորվող գնացքների դեղին վագոնները։

Երբ գնացքը շարժվում էր ձմեռային գիշերով, իսկական ձյունը, մեր ձյունը, սպիտակին տալով, տարածվում էր պատուհաններից դուրս, և Վիսքոնսինի կիսակայարանների աղոտ լույսերը թարթելով անցնում էին, հանկարծ օդը դառնում էր սուր ու կայտառացնող։ Վագոն֊ռեստորանից ետ գալիս մենք խոր շնչում էինք այդ օդը ցուրտ հարթակներում՝ անասելիորեն գիտակցելով մեր միասնությունը այդ երկրի հետ, հետո աննկատելիորեն ձուլվում նրա մեջ։

Սա է իմ Միջին Արևմուտքը, ոչ թե դաշտերը, տափաստանները կամ խաղաղ շվեդական քաղաքները, այլ իմ դեռահաս օրերի հուզիչ գնացքները, փողոցի լապտերները, սառնաշունչ մթնշաղում ղողանջող սահնակների զանգերը և լուսավորված պատուհաններից ընկնող փշարմավի պսակների ստվերները ձյան վրա։ Ես այդ ամենի անբաժան մասնիկն եմ և փոքր֊ինչ թախծոտ՝ երկարատև ձմեռների պատճառով, փոքր֊ինչ ինքնավստահ՝ Քարավեյների տանը մեծացած լինելուս համար, և մի քաղաքում, ուր հիմա էլ տները կրում են տանտերերի անունը։ Ես հիմա եմ հասկանում, որ ըստ էության ստացվեց Արևմուտքի պատմություն, որ ի վերջո Թոմն ու Գեթսբին, Դեյզին, Ջորդանը ու ես՝ բոլորս էլ Արևմուտքից էինք, և գուցե բոլորիս էլ պակասում էր մի բան, որը մեր կյանքը ինչ֊որ չափով անհարիր էր դարձնում Արևելքի կյանքին։

Նույնիսկ այն ժամանակ, երբ Արևելքը ինձ շատ էր հուզում, նույնիսկ այն ժամանակ, երբ ես պարզ գիտակցում էի նրա գերազանցությունը Օհայո գետից այն կողմ տարածվող տաղտուկից ճարպակալած քաղաքների նկատմամբ,— որտեղ բամբասող լեզուները ոչ մեկին չէին խնայում, թերևս միայն զառամյալներին ու երեխաներին,— նույնիսկ այդ ժամանակ էլ ես այնտեղ ինչ֊որ հրեշավոր բան էին տեսնում։ Մինչև հիմա էլ երազիս գալիս է Վեսթ Էգգը, դա ավելի ճիշտ՝ երազ չէ, այլ երևակայական ցնորք, Էլ Գրեկոյի գիշերային բնանկարները հիշեցնող։ Տխուր, կողք կողքի կուչ եկած հարյուրավոր միանման ու զավեշտական տներ ցածր երկնքի տակ, ուր անփայլ լուսինն էր լողում։ Առջևում ֆրակ հագած չորս մռայլ տղամարդ տանում են պատգարակը՝ վրան սպիտակ, երեկոյան զգեստով մի հարբած կին։ Նրա ձեռքը կախ է ընկած կողքից, իսկ մատներին սառը փայլով պսպղում են գոհարները։ Տղամարդիկ լրջորեն շրջվում են, կանգ առնելով մի տան առաջ՝ դա իրենց ուզած տունը չէ։ Բայց ոչ ոք չգիտե կնոջ անունը, այն ոչ մեկին պետք չէ։

Գեթսբիի մահից հետո Արևելքն ինձ հետապնդում էր, ամեն ինչ աղավաղված տեսք էր ստացել, և աչքս ի վիճակի չէր կարգավորելու ոչինչ։ Եվ երբ չոր, խշխշան տերևների վրայից կապտավուն ծուխ բարձրացավ, և քամին սկսեց ձգել֊թռցնել պարանից թաց լվացքը, ես որոշեցի տուն դառնալ։

Մի բան էր միայն մնացել անելու, մի տհաճ, ծանր բան, որն ավելի լավ կլիներ, եթե չարվեր։ Բայց ես ուզում էի ամեն ինչ կարգի գցել մեկնելուցս առաջ և ոչ թե վստահել, որ անտարբերության ծովը մեծահոգաբար քշեր֊տաներ իմ աղբը։ Ես հանդիպեցի Ջորդան Բեյքերին, և մենք միասին զրուցեցինք մեզ պատահածի, հետագայի և այն մասին, թե ինչ ապրումներ ունեցա ես։ Ընկողմանած լայն աթոռին, նա հանգիստ լսում էր ինձ։

Ջորդանը հագել էր գոլֆի զգեստ, հիշում եմ, այդ պահին մտածեցի, թե նա հիշեցնում է մարզական ամսագրերի լուսանկար՝ ծնոտը փոքր-ինչ անհոգ վեր պահած, մազերը աշնանային տերևի գույնի, դեմքը՝ ծնկին դրած ձեռնոցի սրճագույն երանգին։ Երբ ավարտեցի խոսքս, նա առանց այլևայլության ասաց, որ նշանված է։ Ես չհավատացի, չնայած գիտեի, որ գլխի թեթևակի շարժումով կարող էր շատերի հետ ամուսնանալ, և զարմացած ձևացրի։ Մի պահ մտածեցի, թե արդյոք սխալ չե՞մ թույլ տալիս, ապա արագ մտքումս ծանր ու թեթև արեցի ամեն ինչ ու ոտքի ելա։

― Բայց և այնպես դու ինձնից հրաժարվեցիր,— անսպասելիորեն ասաց Ջորդանը։— Դու ինձ հեռախոսով մերժեցիր։ Չնայած հիմա դա այնքան էլ կարևոր չէ, բայց այն ժամանակ գլուխս կորցրել էի, և դա ինձ համար նոր փորձություն եղավ։

Մենք ձեռք թոթվեցինք։

― Իմիջի այլոց, հիշո՞ւմ ես,— ավելացրեց նա,— մի անգամ մենք խոսում էինք մեքենա վարելու մասին։

― Հիշում եմ, բայց աղոտ։

― Դու ասացիր, որ անփորձ վարորդը ապահով է, քանի դեռ չի հանդիպել մեկ ուրիշ անփորձ վարորդի։ Ինձ հետ հենց այդպես էլ պատահեց։ Ուզում եմ ասել, թե ինչպես կարողացա նման սխալ թույլ տալ։ Ես կարծում էի, դու ազնիվ, ուղղամիտ մարդ ես։ Կարծում էի, դա է քո ծածուկ հպարտությունը։

— Ես երեսուն տարեկան եմ,— ասացի։— Հինգ տարի է, ինչ դուրս եմ եկել այն հասակից, երբ կարող էի ինքս ինձ խաբել և դա պատիվ համարել։

Ջորդանը չպատասխանեց։ Բարկացած, կիսով չափ սիրահարված նրան, անսահման ափսոսանքը սրտիս, ես շրջվեցի դուրս գալու։

*  *  *



Մի օր, հոկտեմբերի վերջին տեսա Թոմ Բյուքենենին։ Նա անցնում էր Հինգերորդ պողոտայով իր զգոն, հարձակման պատրաստ քայլվածքով, ձեռքերը մարմնից փոքր֊ինչ դուրս, ասես պատրաստ հեռու վանելու որևէ միջամտություն, գլուխը տարուբերելով այս ու այն կողմ՝ անհանգիստ աչքերին զուգընթաց։ Ես դանդաղեցրի քայլս, որպեսզի չանցնեմ նրանից առաջ, և հենց այդ պահին նա կանգ առավ ու ճակատը կնճռոտած՝ սկսեց ուսումնասիրել գոհարեղենի խանութի ցուցափեղկը։ Հանկարծ ինձ նկատելով, ձեռքը պարզած ընդառաջ եկավ։

― Ի՞նչ է պատահել, Նիք։ Դու չե՞ս ուզում իմ ձեռքը սեղմել։

― Այո։ Դու գիտես, թե ինչ կարծիքի եմ քո մասին։

― Դու գժվել ես, Նիք,— շտապ վրա բերեց,— խելքդ թռցրել ես։ Չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել։

― Թոմ,— հարցրեցի ես կտրուկ,— ի՞նչ ասացիր դու Վիլսոնին այն օրը։

Նա անխոս նայեց ինձ, և ես հասկացա, որ իմ ենթադրությունն այդ անհայտ Ժամերի մասին ճիշտ էր։

― Ես նրան ճշմարտությունն ասացի։ Նա եկավ, երբ մենք ճանապարհի պատրաստություն էինք տեսնում։ Ես լուր ուղարկեցի ծառայի հետ, որ տանը չենք։ Նա փորձեց զոռով մտնել։ Նա այնպիսի վիճակում էր, որ կսպաներ ինձ, եթե չասեի, թե ով է մեքենայի տերը։ Ձեռքը գրպանում ատրճանակի վրա էր պահել։— Հանկարծ Թոմը մարտականորեն բարձրացրեց ձայնը։— Իսկ ինչ, եթե ասել եմ։ Վաղ թե ուշ, նրա վերջը դա էր։ Քո ու Դեյզիի աչքերին փոշի էր փչում, բայց իրականում բռիի մեկն էր։ Անցավ Միրթլի վրայով, կարծես շուն էր կոխոտում, նույնիսկ կանգ էլ չառավ։

Ես ասելիք չունեի, քանի որ չէի կարող բերել այն պարզ փաստը, որ գա ճիշտ չէ։

― Իսկ դու կարծում ես, ինձ համար հեշտ էր։ Երբ գնացի բնակարանը հանձնելու տիրոջը և պահարանի վրա տեսա այդ անիծյալ ամանը՝ շան պաքսիմատներով, նստեցի ու երեխայի նման լաց եղա։ Գրողը տանի, հիշելն անգամ սարսափելի է․․․

Ես ոչ կարող էի նրան ներել, ոչ էլ կարեկցել, բայց հասկացա, որ նրա արածը իր աչքում միանգամայն արդարացված էր։ Ամեն ինչ չափազանց խառնաշփոթ էր ու անփույթ։ Թոմն ու Դեյզին անփույթ մարդիկ էին։ Նրանք ոչնչացնում էին իրեր և մարդիկ, ապա փախչում, թաքնվելով իրենց փողի, իրենց անսահման անփութության և կամ էլի ինչ-որ բանի ետևում, որը շաղկապում էր նրանց, թողնելով, որ ուրիշները հավաքեն աղբը իրենց ետևից․․․

Հրաժեշտ տալիս սեղմեցի նրա ձեռքը, հիմարություն էր չանելը, քանի որ հանկարծ ինձ թվաց, որ երեխայի հետ եմ խոսում։ Իսկ նա մտավ գոհարեղենի խանութ մարգարտյա մանյակ կամ գուցե թևքաճարմանդներ գնելու՝ ընդմիշտ ազատված գավառացու իմ փափկանկատությունից։

*  *  *



Գեթսբիի առանձնատունը դեռևս դատարկ էր, երբ ես մեկնում էի, իսկ նրա սիզամարգի խոտը իմ սիզամարգի խոտի չափ աճել-բարձրացել էր։ Տեղի վարորդներից մեկը նրա դարպասի մոտով անցնելիս միշտ կանգ էր առնում և ուղևորներին ցույց տալիս պարտեզի խորքի առանձնատունը։ Գուցե դա այն տաքսու վարորդն էր, որ Դեյզիին ու Գեթսբիին տարել էր Իսթ Էգգ այն սոսկալի գիշերը, գուցե նա հետո իր սեփական պատմությունն էր հորինել այդ կապակցությամբ։ Ես չէի ցանկանում լսել այն և միշտ կայարանից դուրս գալուց խուսափում էի նրա մեքենան նստելուց։

Շաբաթ երեկոները անց էի կացնում Նյու Յորքում, որովհետև իմ հիշողության մեջ դեռևս այնքան թարմ էին Գեթսբիի շքեղ երեկույթները, խելահեղ խրախճանքները, որ շարունակ ինձ թվում էր, թե անորոշ երաժշտության արձագանք, ծիծաղ ու եկող֊գնացող մեքենաների աղմուկ է հասնում ականջիս։ Մի երեկո իրոք մեքենայի ձայն լսեցի և տեսա, թե ինչպես լուսարձակը կանգ առավ նրա աստիճանների առաջ։ Բայց չպարզեցի, թե ով էր եկողը։ Հավանաբար ինչ֊որ ուշացած հյուր, որ երկար ժամանակ բացակայել էր քաղաքից և չէր իմացել երեկույթների ավարտի մասին։

Մեկնելու նախօրեին, երբ իրերս արդեն հավաքել էի, մեքենաս վաճառել նպարավաճառին, գնացի վերջին անգամ տեսնելու այդ հսկայական առանձնատան անհեթեթ անկումը։ Ճերմակ աստիճանների վրա աղյուսի կտորով խզմզած էր մի անպարկեշտ խոսք, որը պարզ երևում էր լուսնի լույսի տակ։ Ես քերեցի այն կոշիկիս ծայրով։ Հետո անցա լողափ ու փռվեցի ավազին։

Առափնյա ճոխ առանձնատների մեծ մասն այժմ դատարկ էր, և ոչ մի տեղ լույս չէր երևում, բացի Սաունդի ջրերում հանդարտ լողացող լաստանավի աղոտ ստվերանման ցոլքից։ Լուսնի բարձրանալու հետ մեկտեղ անկարևոր շինությունների ուրվագծերն անհետացան, և ես աստիճանաբար նշմարեցի հնամենի կղզին՝ նոր աշխարհի կանաչ, անաղարտ կուրծքը, որ այնժամ հառնել էր հոլանդացի նավաստիների աչքի առաջ։ Կղզու անհետացած ծառերը, որոնք իրենց տեղն էին զիջել Գեթսբիի տան համար, մի ժամանակ օրորել էին մարդկային երազներից վերջինն ու մեծագույնը․ հավանաբար մի վաղանցուկ հմայված ակնթարթ մարդ շունչը պահած կանգնել է այս նոր երկրի դիմաց, տարված նրա գեղեցկությամբ, որը ոչ հասկացել էր, ոչ ցանկացել, որովհետև պատմության մեջ նա վերջին անգամ էր դեմառդեմ դուրս եկել մի ինչ֊որ բանի՝ որը համապատասխանում էր իր հիացմունքի կարողությանը։

Երբ նստած մտորում էի հին, անծանոթ աշխարհի մասին, հիշեցի նաև Գեթսբիին, որն առաջին անգամ հրճվանքով զանազանեց Դեյզիի տան դիմացի նավամատույցի կանաչ լույսը։ Նա երկար ճանապարհ էր անցել հասնելու իր կապույտ սիզամարգին, և նրան իր երազն այնքան մոտ էր թվացել, որ հազիվ թե չկարողանար հասնել դրան։ Նա չգիտեր, որ այն ետևում է մնացել, քաղաքից դուրս, ինչ֊որ տեղ հեռաստաններում, այնտեղ, ուր Ամերիկայի մութ դաշտերն էին ձգվում գիշերվա մեջ։

Գեթսբին հավատում էր կանաչ լույսին, երանելի ապագային, որ տարեցտարի հեռանում է մեզնից։ Թեև այն խույս տվեց այսօր, հոգ չէ, վաղն ավելի արագ կվազենք, մեր թևերն ավելի լայն կբանանք․․․ Եվ մի գեղեցիկ առավոտ․․․

Այսպես մենք լողում ենք առաջ, հոսանքին ընդդեմ, բայց այն շարունակ հրում է մեր նավակները ետ՝ դեպի անցյալի գիրկը։