Միստր Կեպիի երեք գլխարկները

Գրապահարան-ից
Միստր Կեպիի երեք գլխարկները

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Միստր Կեպին երեք գլխարկ ուներ, եւ միշտ փողոց էր դուրս գալիս այդ երեք գլխարկները միասին դրած։ Բոլոր նրանք, ովքեր ապրում էին Հայ֊սթրիթում, թե՛ բժիշկը, թե՛ կանաչի վաճառողը եւ թե՛ ծխնելույզ մաքրողը, մի խոսքով բոլորը, մտածում էին․ «Ի՞նչ քաղաքավարի մարդ է այդ միստր Կեպին։ Բարեւելիս, նա երեք անգամ հանում է գլխարկը»։

Փողոցով անցնելիս, միստր Կեպին սիրում էր երգել․


Այդ ես եմ, ես՝ միստր Կեպին,
Երեք գլխարկ եմ դնում,
Մի ծանոթի հանդիպելիս,
Երեք գլխարկն էլ հանում՝
Բարեւում եմ միշտ սիրալիր,
Եվ ուրախ եմ ես, շատ ուրախ,
Ծանոթներին հանդիպելիս՝
Միշտ հանում եմ երեք գլխարկ։

Բայց երբեմն միստր Կեպին նեղվում էր, որովհետեւ երեք գլխարկի համար նա ընդամենը երկու ձեռք ուներ․ ուստի միաժամանակ կարողանում էր հանել միայն գլխարկներից երկուսը, իսկ երրորդը հանելու համար ստիպված էր լինում երկրորդը դնել թեւի տակ։

«Ինչ լավ կլիներ, եթե բոլոր երեքն էլ կարողանայի միաժամանակ հանել»— մտածեց նա մի անգամ։ Ու հենց այդ պահին էլ փողոցում երեւաց միստր Կեպիի կատուն՝ Մուրմին։

— Ո՞ւր ես գնում, Մուրմի,— հարցրեց նրան միստր Կեպին։

— Ձկնավաճառի մոտ,— պատասխանեց Մուրմին։

— Ուրեմն, ցատկիր, նստիր ուսիս,— առաջարկեց միստր Կեպին,— ու եթե հանկարծ հանդիպենք բժշկին, կամ կանաչի վաճառողին, կամ ծխնելույզ մաքրողին, կամ բժշկի կնոջը, կամ ծխնելույզ մաքրողի կնոջը, կամ էլ որեւէ ուրիշ մեկին, բարի եղիր, խնդրում եմ, հանիր իմ գլխարկներից մեկը։

— Ի՞նչ կա որ… կարելի է,— համաձայնեց Մուրմին եւ ցատկեց նստեց միստր Կեպիի ուսին։

Այդ պահին նրանց դիմաց ելավ բժշկի կինը, միսիս Սմաքը։

— Բարի լույս, միսիս Սմաք,— ասաց միստր Կեպին, մի ձեռքով հանելով մի գլխարկը, մյուսով՝ երկրորդը, իսկ Մուրմին հանեց երրորդը։

— Բարի լույս, միստր Կեպի,— պատասխանեց միսիս Սմաքը եւ մտածեց․ «Ի՜նչ քաղաքավարի մարդ է»։

Իսկ միստր Կեպին ասաց Մուրմիին․


Դու լավագույն կատուն ես
Սեղմում եմ քո թաթը,
Քանի որ
Իմ գլխից
Հանեցիր գլխարկս։