Չեմպիոնը

Գրապահարան-ից
Չեմպիոնը

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Արամ Արսենյան (անգլերենից)
աղբյուր՝ «Յոթ պատմվածք»


Նիքը ոտքի կանգնեց։ Առանձնապես բան չէր եղել; Նայեց ռելսերի ուղղությամբ, շրջադարձի ետեւում անհետացող վագոնի լույսերին։ Երկաթգծի երկու կողմերում ջուր էր, քիչ հեռվում՝ կուենու ճահիճ։

Շոշափեց ծունկը։ Տաբատը պատռվել էր, մաշկը՝ պլոկվել։ Ձեռքերը չանկռվել էին, եղունգների տակ ավազ ու մոխիր էր։ Մոտեցավ ռելսերի եզրին, զառիվերով դեպի ջուրն իջավ եւ սկսեց լվացվել։ Սառը ջրում խնամքով լվաց ձեռքերը՝ եղունգների տակից մաքրելով կեղտը։ Ապա պպզեց եւ լվաց ծունկը։

Սրիկա վագոնավար։ Ոչի՜նչ, մի օր կբռնացնի։ Երբեք չի մոռանա։ Ա՜յ, թե լավ վերաբերմունք էր։

— Մոտ եկ, պստի՜կ, տե՛ս, ի՞նչ եմ տալու։

Հետո՝ շրը՜մփ, եւ ինքը չորեքթաթ ընկավ ռելսերին։

Նիքը տրորեց աչքը։ Ուռած տեղը գնալով մեծանում էր։ Շուտով աչքի տակ կկապտեր։ Արդեն ցավում էր։

— Շա՜ն որդու վագոնավար։

Շոշափեց աչքի վերեւի ուռուցքը։ Դե լա՜վ, եղածը կապտուկ էր։ Ինքն էլ էդ էր շահել։ Բայց, ղժան պրծավ։ Հետաքրքիր կլիներ, որ տեսներ, թե ոնց էր նախշվել։ Գուցե ջրի մե՞ջ նայեր։ Արդեն մութ էր, բնականատեղին էլ՝ հեռու։ Ձեռքերը չորացրեց տաբատի վրա, վեր կացավ եւ զառիվերով դեպի ռելսերը մագլցեց։

Շարժվեց ռելսերի երկայնքով։ Խիճը լավ էր փռված, քայլելը հեշտ էր, ոտքերն ամուր էր դնում կոճերի արանքում պնդացած ավազի ու խճի վրա։ Ճանապարհի հարթ ժապավենը, խճուղու նման, անցնում էր ճահճի միջով։ Քայլում էր ու քայլում։ Պետք է որեւէ տեղ հասներ։

Վագոն էր ցատկել Ուլթըն կիսակայարանի մոտ, երբ տեսակավորման կայան դեռ չհասած՝ ապրանքատար գնացքը դանդաղեցրել էր ընթացքը։ Կալկասկան անցել էին, սկսել էր մթնել։ Մանսելոնից, հավանաբար, այնքան էլ հեռու չէր, երեք֊չորս մղոն։ Քայլում էր ռելսերի մեջտեղով՝ փորձելով ոտքերը ռելսակոճերի արանքը դնել։ Ճահիճն անհետանում էր տարածվող մշուշի մեջ։ Աչքը ցավում էր, եւ ինքն էլ ուտել էր ուզում։ Անդադար քայլում էր՝ անցնելով մղոն֊մղոնի հետեւից։ Երկաթուղու երկու կողմերում դարձյալ ճահիճ էր։

Առջեւում կամուրջ երեւաց։ Դրա վրայով անցնելիս Նիքի կոշիկները դղրդացնում էին երկաթը։ Ներքեւում, ռելսակոճերի արանքներից ջուրը սեւին էր տալիս։ Ոտքով հրեց կամրջի վրա գցված հենակը։ Հենակը ջուրն ընկավ։ Կամրջից այն կողմ լեռները սեւ բարձրությամբ վեր էին խոյանում երկաթուղու զույգ կողմերում։ Առջեւում խարույկի լույս նշմարվեց։

Զգույշ քայլելով մոտեցավ գծից քիչ հեռու, թեքության տակ բոցկլտացող կրակին։ Միայն խարույկի ցոլքն էր նկատելի։ Երկաթուղին անցնում էր լեռների միջով, եւ այնտեղ, ուր խարույկն էր, հատվածքը, կարծես, բացվել եւ կորել էր անտառի մեջ։ Նիքը գայթելով իջավ եւ դեպի անտառը շարժվեց, որպեսզի ծառերի կողքով խարույկին մոտենար։ Հաճարենու անտառ էր, ոտքերի տակ անվերջ գետնին թափված հաճարընկույզ էր տրաքտրաքվում։ Բացատի եզրից խարույկն ավելի պայծառ էր թվում։ Կրակի մոտ մարդ էր նստած։ Նիքը կանգնեց ծառի ետեւում եւ սկսեց զննել։ Երեւում էր, մարդը մենակ էր։ Նստել էր գլուխը ձեռքերին հենած եւ բոցերին էր նայում։ Նիքը դուրս եկավ ծառի ետեւից եւ դեպի խարույկի լույսը քայլեց։

Մարդը նստել՝ կրակին էր նայում։ Նիքն ընդհուպ նրան մոտեցավ, բայց մացդը չշարժվեց։

— Ողջո՜ւյն,— ասաց Նիքը։

Մարդը վեր նայեց։

— Կապտուկը որտեղի՞ց, — հարցրեց։

— Վագոնավարը հագցրեց։

— Ապրանքատարի՞ց էր ցած շպրտում։

— Հա՛։

— Սրիկային տեսա,— ասաց մարդը,— ժամ ու կես առաջ անցավ էստեղով։ Վագոնի տանիքի վրայով էր քայլում, ձեռքի ափով կողերին էր խփում ու երգում։

— Սրիկա շա՛ն որդի։

— Երեւի ուրա՞խ էր, որ քեզ խփեց,— լուրջ տոնով ասաց մարդը։

— Ոչի՜նչ, տեղը կհանե՛մ։

— Երբ հետ կգա, քարո՛վ խփիր,— խորհուրդ տվեց։

— Ծեծելու եմ։

— Լավ էլ համառն ես, հա՜։

— Չէ՛,— պատախսանեց Նիքը։

— Տղերքդ՝ բոլորդ էլ համառ եք։

— Ստիպված ենք,— ասաց Նիքը։

— Ես էլ էդ եմ ասում։

Նիքին նայեց եւ ժպտվաց։ Կիսախավարի մեջ Նիքը նկատեց, որ մարդու դեմքն այլանդակված էր։ Քիթը ճզմված էր, աչքերը՝ փըգված, շուրթն՝ ուռած։ Միանգամից չնկատեց, միայն տեսավ, որ դեմքն ուռած էր եւ այլանդակված։ Ներկոտված դիմակի նման։ Խարույկի լույսի մեջ մեռելատիպ էր։

— Հը՛, սֆաթս հավանեցի՞ր,— հարցրեց մարդը։

Նիքը շփոթվեց։

— Իհարկե,— ասաց։

— Նայի՛ր։

Մարդը գլխարկը հանեց։

Միայն մեկ ականջ ուներ։ Ուռած ու պինդ սեղմված էր գանգին։ Մյուսի տեղը դատարկ էր։

— Էսպիսի մարդ տեսե՞լ էիր։

— Չէ՛,— պատասխանեց Նիքը։

Տհաճություն զգաց։

— Շատ բան եմ տարել։ Պստիկ, չե՞ս կարծում, որ շատ բանի կարող էի դիմանալ։

— Էդ էր պակաս։

— Ով ասես՝ չի ծեծել,— ասաց փոքրիկ մարդը,— բայց պետքս էլ չի։

Շրջվեց, Նիքին նայեց։

— Նստի՛ր,— ասաց,— ուտել ուզո՞ւմ ես։

— Մի անհանգստացիր,— ասաց Նիքը,— քաղաք եմ գնում։

— Լսի՛ր,— ասաց մարդը,— ինձ Էդ կկոչես։

— Եղավ։

— Գիտե՞ս,— ասաց փոքրիկ մարդը,— էնքան էլ լավ չեմ։

— Ի՞նչ է եղել։

— Գիժ եմ։

Գլխարկը կրկին գլխին առավ։ Նիքն ուզում էր ծիծաղել։

— Չէ՛, ամեն ինչ կարգին է,— ասաց։

— Ամեն ինչ չէ։ Գիժ եմ։ Երեւէ գիժ եղե՞լ ես։

— Չէ՛,— ասաց Նիքը,— ո՞նց է լինում։

— Չգիտեմ,— ասաց Էդը,— լինում է, ու չգիտես էլ՝ ոնց։ Ինձ ճանաչում ես, չէ՞։

— Չէ՛։

— Էդ Ֆրենսիսն եմ։

— Աստված վկա՞։

— Չե՞ս հավատում։

— Հավատում եմ։

Նիքը զգաց, որ նա ճիշտ էր ասում։

— Գիտե՞ս, ոնց եմ անում, որ հաղթում եմ։

— Չէ՛,— ասաց Նիքը։

— Երակազարկս դանդաղ է։ Րոպեում ընդամենը քառասուն։ Շոշափի՛ր։

Նիքը տատանվեց։

— Մո՛տ արի,— քաշեց թեւից,— բռնի՛ր դաստակս։ Մատդ ա՛յ, էստե՛ղ դիր։

Փոքրիկ մարդու դաստակը լայն էր, մաշկի տակ մկաններն ուռած էին։ Նիքը մատների տակ դանդաղ զարկեր զգաց։

— Ժամացույց ունե՞ս։

— Չէ։

— Ես էլ չունեմ,— ասաց Էդը,— ուրեմն, բան դուրս չի գա։

Նքը նրա ձեռքը բաց թողեց։

— Լսի՛ր,— ասաց Էդ Ֆրենսիսը,— նորից բռնիր։ Դու զարկերակը լսիր, իսկ ես մինչեւ վաթսունը կհաշվեմ։

Մատների տակ դանդաղ, հստակ զարկեր զգալով՝ Նիքը սկսեց մտքում հաշվել։ Լսում էր, թե փոքրիկ մարդն ինչպես էր բարձրաձայն հաշվում՝ մեկ, երկուս, երեք, չորս, հինգ…

— Վաթսո՛ւն,— Էդը ավարտեց,— մեկ րոպե։ Քեզ մո՞տ ինչքան է։

— Քառասուն,— ասաց Նիքը։

— Ճիշտ է,— ուրախացավ Էդը,— երբեք ավելի արագ չի զարկում։

Երկաթգծի կողքի թեքությամբ մարդ իջավ, անցավ ջրափոսի միջով եւ մոտեցավ խարույկին։

— Ողջո՞ւյն, Բա՛գզ[1],— ասաց Էդը։

— Ողջո՞ւյն,— պատասխանեց Բագզը։

Նեգրի ձայն էր։ Արդեն քայլելու ձեւից Նիքը գիտեր, որ եկողը նեգր էր։ Բագզը մեջքով էր կանգնել եւ կռացել էր կրակի վրա։ Հետո ուղղվեց։

— Ընկերս է՝ Բագզը,— ասաց Էդը,— նա էլ է գիժ։

— Շատ հաճելի է,— խոսեց Բագզը,— ասում եք՝ որտեղի՞ց եք։

— Չիկագոյից,— պատասխանեց Նիքը։

— Հրաշալի քաղաք է,— ասաց նեգրը,— ձեր անունը չլսեցի։

— Ադամս։ Նիք Ադամս։

— Բա՛գզ, ասում է՝ երբեք գիժ չի եղել,— խոսեց Էդը։

— Ամեն ինչ դեռ առջեւում է,— պատասխանեց նեգրը։

Կրակի մոտ կանգնած՝ ինչ որ փաթեթ էր բացում։

— Բա՛գզ, ե՞րբ ենք ուտելու,— հարցրեց բռնցքամարտիկը։

— Երկու րոպեից։

— Նի՛ք, սովա՞ծ ես։

— Շան պես։

— Լսեցի՞ր, Բա՛գզ։

— Սովորաբար, ամեն ինչ լսում եմ։

— Էդ չեմ ասում։

— Հա՛։ Լսեցի, թե երիտասարդն ինչ ասաց։

Թավայի մեջ խոզապուխտի կտորներ էր շարում։ Երբ թավան տաքացավ, եւ Ճարպը սկսեց ցայտել, Բագզը երկար, նեգրի ոտքերով կրակի վրա կռանալով՝ շրջեց ապուխտի կտորները, թավայի մեջ ձու կոտրեց եւ սկսեց թավան շուռումուռ տալ, որպեսզի ձուն ու ճարպն իրար խառնվեին։

— Պարո՛ն Ադամս, խնդրում եմ մի քանի կտոր հաց կտրել։ Պայուսակի մեջ է,— գլուխը շրջեց Բագզը։

— Հաճույքով։

Նիքը պայուսակին մոտեցավ եւ մի բոքոն հանեց։ Վեց շերտ կտրեց։ Էդն առաջ էր թեքվել եւ նրան էր հետեւում։

— Դանակդ տուր, Նի՛ք,— ասաց։

— Չտա՛ս,— բղավեց նեգրը,— դանակը պինդ բռնեք, պարո՛ն Ադամս։

Բռնցքամարտիկն ընկրկեց։

— Բարի եղեք հացն ինձ տալ,— պարո՜ն Ադամս,— խնդրեց Բագզը։

Նիքը հացը նրան փոխանցեց։

— Սիրո՞ւմ եք հացը ճարպի մեջ թաթախել,— հարցրեց նեգրը։

— Էն էլ ո՜նց։

— Ավելի լավ է՝ մի քիչ սպասենք։ Ամենավերջում է համեղ։ Խնդրեմ, համեցե՛ք։

Նեգրը մի կտոր ապուխտ վերցրեց, հացի շերտի վրա դրեց ու ծածկեց ձվով։

— Իսկ հիմա, խնդրում եմ, վրան մի կտոր հաց դրեք եւ պարոն Ֆրենսիսին տվեք։

Էդը վերցրեց սենդվիչն ու սկսեց ուտել։

— Նայիր, որ ձուն հանկարծ վրայից չընկնի,— զգուշացրեց նեգրը,— իսկ սա ձեզ համար է, պարո՛ն Ադամս։ Մնացածն էլ՝ ինձ։

Նիքն ատամները սենդվիչի մեջ խրեց։ Նեգրը նստել էր ուղիղ նրա դիմաց, Էդի կողքը։ Տաք, տապակած ապուխտը, այն էլ ձվի հետ, չտեսնված համեղ էր։

— Պարոն Ադամսը լավ քաղցած է,— ասաց նեգրը։

Փոքրիկ մարդը, որի անունը Նիքին ծանոթ էր որպես բռնցքամարտի չեմպիոն, լուռ էր։ Դանակի մասին եղած խոսակցությունից հետո այլեւս ոչ մի բառ չէր ասել։

— Թույլ տվեք ճարպի մեջ թաթախած հաց հյուրասիրել ձեզ,— ասաց Բագզը։

— Շատ շնորհակալ եմ։

Փոքրիկ, սպիտակ մարդը Նիքին նայեց։

— Ձեզ նո՞ւյնպես, պարոն Ադոլֆ Ֆրենսիս,— առաջարկեց նեգրը։

Էդը չպատասխանեց։ Նիքին էր նայում։

— Պարոն Ֆրենսի՜ս,— կրկին լսվեց նեգրի մեղմ ձայնը։

Էդը դարձյալ չպատասխանեց։ Նիքն էր նայում։

— Ձեզ եմ հարցնում, պարոն Ֆրենսի՜ս,— մեղմորեն կրկնեց նեգրը։

Էդը շարունակում էր Նիքին նայել։ Գլխարկն իջել էր աչքերին։ Նիքը շփոթվել էր։ — Ո՞ր սատանան քեզ էստեղ բերեց,— գլխարկի տակից կտրուկ ձայն լսվեց, որ Նիքին էր ուղղված,— քեզնից ի՞նչ ես ներկայացնում։ Փսլնքոտ լակոտ։ Անկոչ հյուրի պես եկել, ուրիշի հացն ես ուտում, եւ երբ դանակ են ուզում, ձեւեր ես թափում։

Աչքը Նիքից չէր կտրում, դեմքը ճերմակ էր, աչքերն էլ գլխարկի տակից համարյա չէին երեւում։

— Է՜յ, խակ գլուխ, ո՞վ է քեզ էստեղ կանչել։

— Ոչ ոք։

— Ճիշտ է, սատանան տանի, ոչ ոք չի կանչել։ Էստեղ մնալ էլ ոչ ոք չի խնդրում։ Եկել է, դեմքիս մասին զզվելի բաներ է ասում, սիգարներս է ծխում, խմիչքս է խմում, դեռ դատողություններ էլ է անում, փսլնքոտի մեկը։ Թե՞ կարծում ես ամեն ինչ հալած յուղի տեղ ես անցկացնելու։

Նիքը չպատասխանեց։ Էդը ոտքի ելավ։

— Քեզ ցույց կտամ, դեղնակտուց չիկագոյի լակոտ։ Գլուխդ կջարդեմ։ Պա՞րզ է։

Նիքն ընկրկեց։ Փոքրիկ մարդը, ոտքերը ծանրորեն դնելով, սկզբում՝ ձախը, ապա մոտեցնելով նաեւ աջը, դանդաղ նրա կողմն էր շարժվում։

— Խփի՛ր,— ճոճեց գլուխը,— բախտդ փորձի՛ր։

— Չեմ ուզում ձեզ խփել։

— Մեկ է, էդպես չես պրծնելու։ Ծեծ ես ուտելու, լսո՞ւմ ես։ Դե, առաջի՛նը խփիր։

— Վե՛րջ տվեք, խնդրում եմ,— ասաց Նիքը։

— Ուրեմն էդպե՞ս, լակո՛տ։

Փոքրիկ մարդը Նիքի ոտքերին նայեց։ Երբ իջեցրեց հայացքը, նեգրը, որ խարույկի մոտից հեռանալու պահից նրան էր հետեւում, նշան բռնեց եւ ուժգին հարվածեց ծոծրակին։ Էդն առաջ ընկավ, Բագզը շորի մեջ փաթաթած կռփազենքը խոտերին նետեց։ Փոքրիկ մարդը պառկել էր՝ դեմքը խոտի մեջ թաղած։ Նեգրը բարձրացրեց նրան եւ խարույկի մոտ տարավ։ Գլուխը կախ էր ընկել, դեմքը սարսափազդու էր, աչքերը՝ չռված։ Բագզը նրան զգուշությամբ ցած իջեցրեց։

— Խնդրում եմ, դույլով ջուր բերեք, պարոն Ադամս,— ասաց նեգրը,— վախենամ, շատ ուժեղ խփեցի։

Դեմքին ջուր շաղեց եւ զգուշությամբ քաշեց ականջը։ Աչքերը փակվեցին։ Բագզը ոտքի ելավ։

— Ամեն ինչ կարգին է,— ասաց,— անհանգստանալու կարիք չկա։ Կներե՛ք, պարոն Ադամս։

— Ոչինչ, ոչինչ։

Նիքը ներքեւ՝ փոքրիկ մարդուն էր նայում։ Խոտի վրա նկատեց կռփազենքը եւ վերցրեց։ Բռնակը ճկվող էր, նույնիսկ թվաց, թե փափուկ էր։ Վրայի սեւ կաշին մաշված էր, ծանր կոթը փաթաթված էր թաշկինակով։

— Բռնակը կետոսկրից է,— ժպտաց նեգրը,— հիմա դրանցից չեն սարքում։ Համոզված չէի, որ կհաղթահարեիք, համ էլ՝ չէի ուզում, որ նրան խփեիք ու ավելի այլանդակեիք։

Նեգրը մի անգամ էլ ժպտաց։

— Բայց ինքներդ հարվածեցիք։

— Ձեւ գիտեմ։ Էս մասին չի հիշի։ Ստիպված եմ էսպես վարվել, որ նպան պահերին հանգստացնեմ։

Նիքը դեռեւս ներքեւ էր նայում՝ փոքրիկ մարդուն, որ աչքերը փակ պառկել էր խարույկի լույսի մեջ։ Բագզը փայտ ավելացրեց կրակին։

— Նրա համար մի անհանգստացեք, պարո՛ն Ադամս։ Առաջին անգամ չէ։

— Ինչի՞ց է գժվել,— հարցրեց Նիքը։

— Օ՜, շատ բաներից,— խարույկի կողքից պատասխանեց նեգրը,— սուրճ չէի՞ք կամենա, պարո՛ն Ադամս։

Գավաթը Նիքին մեկնեց եւ ուղղեց ուշաթափվածի գլխատակի վերարկուն։

— Ժամանակին շատ են ծեծել,— նեգրը մի կում արեց,— բայց դրանից միայն հիմարացել է։ Հետո քույրը նրա իմպրեսարիոն դարձավ, թերթերում սկսեցին միայն քույր ու եղբոր մասին գրել, եւ թե ինչպես է քույրը եղբորը սիրում, իսկ եղբայրը՝ քրոջը։ Ամուսնացան Նյու Յորքում, դրա պատճառով բազմաթիվ տհաճություններ եղան։

— Հիշում եմ։

— Այո՜։ Իհարկե, այնպիսի քույր եւ եղբայր էին, ինչպես ես եւ դուք, բայց ամեն դեպքում, շատերին դուր չեկավ, նրանց միջեւ վեճեր ծագեցին։ Մի անգամ էլ կինը պարզապես հեռացավ եւ այլեւս չվերադարձավ։

Բագզը խմեց֊վերջացրեց սուրճը եւ վարդագույն ափով սրբեց բերանը։

— Էդը միանգամից խելքը թռցրեց։ Մի գավաթ էլ չէի՞ք ցանկանա, պարոն Ադամս։

— Շնորհակալ եմ։

— Կնոջը մի քանի անգամ տեսել եմ,— շարունակեց նեգրը,— սարսափելի գեղեցիկ է։ Ջրի երկու կաթիլի պես նման են։ Եթե դեմքն այլանդակված չլիներ, Էդը տգեղ չէ։

Լռեց։ Պատմությունը, կարծես, ավարտվեց։

— Որտե՞ղ եք հանդիպել,— հարցրեց Նիքը։

— Բանտում,— պատասխանեց նեգրը,— կնոջ հեռանալուց հետո անընդհատ մարդկանց վրա էր հարձակվում, բանտ ընկավ։ Ես մարդասպանության համար էի նստած։

Ժպտաց եւ շարունակեց ցածրաձայն։

— Միանգամից հավանեցի Էդին, եւ երբ բանտից դուրս եկա, փնտրեցի ու գտա։ Ինձ գիժ է համարում, բայց միեւնույն է։ Հաճելի է նրա կողքը լինել, համ էլ սիրում եմ ճանապարհորդել, եւ բոլորովին հարկ չկա գողություն անել։ Ջենտլմենի կյանքն ինձ դուր է գալիս։

— Ինչո՞վ եք զբաղվում,— հարցրեց Նիքը։

— Տեղից տեղ ենք թափառում։ Փող ունի։

— Երեւի, շա՞տ է վաստակել։

— Ահագին։ Չնայած, ունեցածը լրիվ վատնել է։ Կամ գողացել են։ Կինն է փող ուղարկում։

Սկսեց կրակը խառնել։

— Չտեսնված կին է,— շարունակեց,— ջրի երկու կաթիլի պես նման է նրան։

Նեգրը փոքրիկ մարդու կողմը շրջվեց, դժվար էր շնչում։ Շեկ մազերը թափվել էին ճակատին։ Այլանդակված դեմքը մանկորեն անխռով էր։

— Ցանկացած պահի կարող եմ ուշքի բերել, պարոն Ադամս։ Չնեղանաք, բայց կարծում եմ, ավելի լավ է՝ հեռանաք։ Չեմ ուզում անհյուրընկալ լինել, սակայն ձեզ տեսնելով՝ կարող է կրկին իրեն կորցնել։ Ինձ ցավ է պատճառում, երբ ծեծում եմ նրան, բայց խաղաղեցնելու միակ միջոցն է։ Ստիպված եմ մարդկանցից հեռու պահել։ Չեք նեղանում, չէ՞, պարոն Ադամս։ Ո՛չ, շնորհակալություն մի հայտնեք, պարոն Ադամս։ Պարտավոր էի ձեզ զգուշացնել, ուղղակի ինձ թվաց, թե նրան շատ եք դուր եկել, եւ հույս ունեի, որ ամեն ինչ բարեհաջող կանցներ։ Երկաթգծով մինչեւ քաղաքը երկու կիլոմետր է։ Կոչվում է Մանսելոնա։ Ցտեսություն։ Հաճույքով կառաջարկեի մեզ հետ գիշերել, սակայն բացառվում է։ Գուցե ձեզ մի քիչ հաց եւ ապո՞ւխտ վերցնեք։ Ո՞չ։ Համենայնդեպս, սենդվիչից մի հրաժարվեք։

Այս ամենն ասում էր քաղաքավարի, սահուն, ցածր ձայնով։

— Շատ լավ։ Դե, ցտեսություն, պարո՛ն Ադամս։ Ես հաջողություն։

Նիքը հեռացավ խարույկի մոտից, անցավ ջրափոսը եւ դեպի երկաթգիծը շարժվեց։ Մթության մեջ քայլելով՝ ականջ էր դնում։ Նեգրը շարունակում էր խոսել ցածր, մեղմ ձայնով։ Նիքը բառերը չէր լսում։ Հետո ականջին հասավ փոքրիկ մարդու ձայնը․

— Գլուխս սարսափելի ցավում է, Բա՛գզ։

— Ոչինչ, կանցնի, պարո՛ն Ֆրենսիս,— հանգստացնում էր նեգրը,— մի գավաթ տաք սուրճ խմեք։

Նիքը մագլցեց թեքությունով եւ քայլեց գծերի վրայով։ Նկատեց, որ ձեռքում ապուխտի սենդվիչն էր, եւ գրպանը խցկեց։ Մինչ ռելսերը կթեքվեին լեռան հետեւը, նա շրջվեց եւ բացատից ցած կրկին խարույկի լույսը տեսավ։

  1. Այստեղ՝ հատուկ անուն, խոսակցական անգլերենում նշանակում է հիմար, խելագար, գիժ