Ֆաուստ մականունով Բեռնին

Գրապահարան-ից
Ֆաուստ մականունով Բեռնին

հեղինակ՝ Վիլիամ Թեն
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Աստղային_կարուսել»

Իմ անունը Ֆաուստ դրեց Ռիկարդոն, իսկ թե դա ինչ է նշանակում, ես ինքս էլ կարգին չգիտեմ։

Այսպես, ուրեմն, ես նստած եմ վեց ֆուտը իննի վրա իմ պստլիկ գրասենյակում։ Կարդում եմ դուրս գրված պետական գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարությունը։ Մտածում եմ, թե ինչից կարող եմ դոլարներ վաստակել, ինչից՝ գլխացավ։

Այստեղ գրասենյակիս դուռը բացվում է։ Եվ անլվա մռութով, կեղտոտ, բաց գույնի կոստյումով այդ լղար տիպը ներս է մտնում ու, հազալը վերջացնելուց հետո՝ առաջարկում․

— Քսան դոլարը հինգով չե՞ք առնի։

— Ի՞նչ֊չ,— ասում եմ ես, աչքերս չռելով։

Նա մի ոտքից հենվում է մյուսին ու նորից հազում։

— Քսանը,— կամաց ասում է նա։— Քսանը՝ հինգով։

Նա իմ հայացքից գլուխը կախ է գցում եւ աչքերը հառում իր կեղտոտ կոշիկներին։ Կեղտոտ, քոսոտ կոշիկներ՝ ինչպես որ կեղտոտ ու քոսոտ էին նրա վրայի շորերը։

— Ես ձեզ վճարում եմ քսան դոլար,— բացատրում էր նա իր կոշիկների քթերին։— Ու դրանց փոխարեն գնում եմ հինգը։ Ձեզ մոտ մնում է քսանանոցը, ինձ մոտ՝ հինգանոցը։

— Ո՞նց եք այստեղ ընկել։ — Հենց այնպես մտա,— պատասխանում է նա մի քիչ շփոթված։

— Ախ, հենց այնպես մտաք,— չարախնդորեն հեգնում եմ նրան։— Իսկ հիմա էլ հենց այնպես դուրս եկեք ու գնացեք գրողի ծոցը։ Նախասրահում պարզ գրված է, որ մուտքը աղքատներին արգելվում է։

— Ես ողորմություն չեմ խնդրում,— նա ձգում է պիջակը։ Այդպիսի շարժումով հարթում են ճմրթված գիշերանոցի ծալքերը։— Ես գործարք եմ առաջարկում։ Քսան՝ հինգի դիմաց։ Ես ձեզ…

— Ոստիկա՞ն կանչեմ։

Նա բացահայտորեն նահանջում է։

— Ոչ։ ինչո՞ւ ոստիկան կանչեք։ Ես ձեզ ոչ մի վատ բան չեմ արել։

— Մի վայրկյանից ես ոստիկան կկանչեմ։ Ես ազնվորեն զգուշացնում եմ ձեզ։ Բավական է, որ ներքեւ զանգահարեմ, նախասրահ, ու իսկույն ոստիկան կուղարկեն այստեղ։ Այստեղ ողորություն չեն խնդրում։ Այստեղ բիզնեսով են զբաղվում։

Նա ձեռքի ափով շփեց դեմքը, եւ ափը կեղտոտվեց։ Նա ափը քսեց պիջակին։

— Ուրեմն, չե՞ք ուզում,— ասաց նա։ Քսանը՝ հինգով։ Չէ որ դուք առք ու վաճառքով եք զբաղվում։ Ի՞նչը ձեզ դուր չի գալիս։

Ես վերցրի լսափողը։ — Լավ,— կանգնեցրեց նա ինձ, առաջ մեկնելով կեղտոտ թաթը։— Ես գնում եմ։

— Լավ էլ անում եք։ Ու դոռն էլ փակեք ձեր հետեւից։

— Եթե մտքներդ փոխեք,— նա ձեռքը տարավ իր կեղտոտ, ճմռթված շալվարի գրպանը եւ հանեց այցետոմսը։— Դուք ինձ կարող եք գտնել այստեղ։ Գրեթե ցանկացած ժամին։

— Դուրս կորեք,— ասացի նրան։

Նա ձեռքը մեկնեց, այցետոմսը գցեց սեղանին, վաճառքի վերաբերյալ հայտարարությունների կույտի վրա, մի երկու անգամ հազաց, նայեց ինձ՝ հո՞ չեմ զղջացել։ Չէ՞։ Չէ։ Ու քարշ եկավ դեպի դուռը։

Ցուցամատիս եւ բութ մատիս ծայրերով զզվանքով վերցրի այցետոմսը եւ ուզեցի գցել զամբյուղի մեջ։

Բայց հետո միտքս փոխեցի։ Այցետոմս։ Գրողը տանի, շատ տարօրինակ է, այդ քոսոտին որտեղի՞ց այցետոմս։ Բայց այցետոմսը առջեւս էր։

Այո, եթե լավ մտածենք, ամբողջ տեսարանն էլ էր արտառոց։ Ես նույնիսկ ափսոսացի, որ վռնդեցի նրան, թույլ չտալով ուզածն ասի մինչեւ վերջ։ Չէ որ նա իսկապես վատ բան չէր արել․ նոր ռեկլամային տրյուկ էր հնարել ընդամենը։ Ես ինքս էլ շարունակ ռեկլամային նոր տրյուկներ եմ փոխառնում սրանից֊նրանից։ Ես ընդարձակում եմ իմ փոքրիկ գրասենյակը, ես վաճառում եմ եւ գնում, բայց իմ ապրանքների կեսը՝ լավ գաղափարներ են։ Գաղափարներ ես կարող եմ փոխառնել նույնիսկ աղքատից։

Այցետոմսը մաքուր էր, սպիտակ, միայն մնացել էին մատների սեւ հետքերը։ Ամբողջ այցետոմսով մեկ գեղեցիկ ձեռագրով գրված էր՝ Միսթր Օգո Էքսար։ Ներքեւում գրված էր Թայմս֊սկվեր հրապարակի մոտ գտնվող հյուրանոցի անունը եւ հեռախոսի համարը։ Ես գիտեի այդ հյուրանոցը, որը շատ հեռու չէր իմ գրասենյակից, դա ոչ շատ թանկ, ոչ էլ էժան հյուրանոց էր, միջինը։

Այցետոմսի անկյունում գրված էր սենյակի համարը։ Դա հանկարծ զվարճացրեց ինձ։ Շատ է անհասկանալի։

Բայց մյուս կողմից, ինչո՞ւ մուրացիկը չի կարող գրանցվել հյուրանոցում։ Մի եէիր սնոբ, Բեռնի, ասացի ինքս ինձ։

Քսանը՝ հինգով։ Սա ի՞նչ հանելուկ է։ Ես չէի կարողանում ինձնից վանել այդ միտքը։

Միայն մի բան էր մնում։ Որեւէ մեկի հետ խորհրդակցել։

Ռիկարդոյի՞ հետ։ Ինչքան չլինի քոլեջի հայտնի պրոֆեսոր է։ Իմ լավ ծանոթներից մեկը։

Նա քիչ չէր օգնում ինձ․ ակնարկեց քոլեջի նոր շենք կառուցելու մասին, որի համար հատկացրին մեկուկես հազար դոլար, հայտնեց ՄԱԿ֊ի գրասենյակային սարքավորման վամճառքի մասին եւ այլն։ Հենց որ ինձ մոտ այնպիսի հարց էր ծագում, որը պահանջում էր համալսարանական էրուդիցիա, նա միշտ օգնության էր հասնում։ Եվ այդ ամենի դիմաց ստանում էր մի երկու֊երեք հարյուր միջնորդադրամ։

Ես նայեցի ժամացույցին։ Ռիկարդոն հիմա պիտի որ քոլեջում լինի՝ ստուգելիս ստուգողականները կամ էլ մի ուրիշ բանով զբաղված։ Ես հավաքեցի նրա համարը։

— Օգո Էքսա՞ր,— հարցը կրկնեց նա։— Երեւի, ֆինն է։ Իսկ գուցե եւ՝ էստոնացի։ Ավելի շուտ՝ Մերձբալթիկայից։

— Կարեւոր չէ,— ասացի ես։— Ինձ ահա թե ինչ է հետաքրքրում։— Ու պատմեցի նրան հինգ եւ քսան դոլարների մասին։

Նա ծիծաղեց։

— Նորից նույնը։

— Մեկն այն օյիններից, որ հույները հանում էին եգիպտացիների գլխին։

— Ոչ։ Ամերիկացիների օյիններից։ Եվ դա բոլորովին էլ օյին չէ։ Ճգնաժամի ժամանակ նյույորքյան մի թերթ իր թղթակցին ուղարկում է քաղաք քսան դոլարով, որը նա ծախում էր մեկ դոլարով։ Գնորդ չճարվեց։ Գնորդներ չեղան նույնիսկ գործազուրկների, կիսաքաղց մարդկանց մեջ․ խաբված քինելու վախից, նրանք հրաժարվում էին 1900 տոկոսով շահույթից։

— Քսանը մեկի՞ դիմաց։ Այստեղ՝ քսանը՝ հինգի։

— Դե, ինքչ էլ գիտես, Բեռնի, ինֆլյացիա է,— ասաց նա նորից ծիծաղելով։— Իսկ մեր օրերում դա ավելի շատ հիշեցնում է հեռուստատեսային ներկայացում։

— Հեռուստատեսայի՞ն։ Պիտի տեսնեիր, թե նա ոնց էր հագնված։

— Պարզապես լրացուցիչ եւ միանգամայն տրամաբանական ընդգծում, ավելի շատ շանսեր կունենա, որ մարդիկ իր առաջարկությունը լուրջ չեն ընդունի։ Համալսարաններն անընդհատ անց են կացնում այդպիսի հետազոտություններ։ Մի քանի տարի առաջ մի խումբ սոցիոլոգներ ուսումնասիրում էին հասարակության վերաբերմունքը բարեգործական նպատակով փողոցներում փող հավաքողների նկատմամբ։ Դու գիտես այդ մարդկանց, կանգնում են խաչմերուկներում եւ շխկշխկացնում են տուփերը․ «Օգնե՜ք երկգլխանի երեխաներին։ Օգնե՜ք Ատլանտիդայում ջրհեղեղից տուժածներին»։ Այ նրանք մի քանի ուսանողների էդպես զուգել֊զարդարել են…

— Կարծում եք, որ սա այդ դե՞պքն է։

— Կարծում եմ՝ այո։ Բայց թե նա ինչո՞ւ է թողել իր այցետոմսը։

Ու հանկարծ գլխումս մի միտք առկայծեց։

— Գիտեք, ես հասկացա։ Եթե դա հեռուստատեսային օյինբազություն է, ապա այստեղ հարստանալու առիթ կա։ Հեռուստատեսային վիկտորինա մրցանակներով՝ ավտոմեքենա, սառնարան, դղյակ Շոտլանդիայում եւ այլն։

— Հեռուստատեսային վիկտորինա՞։ Էհ, հնարավոր է։

Ես ցած դրեցի լսափողը, ծանր հոգոց հանեցի ու հավաքեցի այն հյուրանոցի համարը, որտեղ ապրում էր էքսարը։ Նա իսկապես կար այնտեղ բնակվողների ցուցակում։ Եվ հենց նոր վերադարձել էր իր համարը։

Ես արագ ցած իջա, ու տաքսի նստեցի։ Ով գիտի, թե ում հետ է նա հասցրել կապվել։

Վերելակով բարձրանալիս դարձյալ մտածում էի, թե ինչպես անեմ, որ քսան դոլարից անցնեմ իսկապես խոշոր խաղին, որ սկսել է հեռուստատեսությունը, եւ Էքսարին էլ չհասկացնեմ, թե գլխի եմ ընկել ինչն֊ինչոց է։ Եվ այդ ժամանակ չէ որ ինձ էլ կարող է բախտը ժպտալ։ Հանկարծ ու մեծ բան շահեմ։

Դուռը ծեծեցի։ Երբ նա ասաց «մտեք», մտա, բայց մի ակնթարթ ոչինչ չկարողացա տեսնել։

Համարը փոքր էր, ինչպես այդ հյուրանոցի բոլոր համարները՝ փոքր եւ տոթ։ Նա լույսը չէր վառել։ Պատուհանները մինչեւ ներքեւ վարագուրված էին։

Երբ աչքերս վարժվեցին մթությանը, վերաջպես տեսա մեր ջահելին։ Նա նստած էր մահճակալին, դեմքով՝ դեպի ինձ։ Նրա հագին նույն այլանդակ կոստյումն էր։

Եվ գիտե՞ք, թե նա ինչով էր զբաղված։ Նայում էր փոքրիկ շարժական հեռուստացույցը, որը դրված էր գրասեղանին։ Գունավոր հեռուստացույց։ Բայց հեռուստացույցը վատ էր աշխատում։ Էկրանի վրա ոչ դեմք էր երեւում, ոչ պատկեր, այլ միայն գույնզգույն փայլատակումներ։ Հսկայական կարմիր բռնկում, հսկայական նարնջագույն բռնկում, երկնագույն, կանաչ ու սեւ դողդոջուն երանգափայլեր։ Հեռուստացույցից մի ձայն էր գալիս, որ հնարավոր չէր հասկանալ՝, «Վա՜խ֊վա՜խ, դեվա՜խ»։

Հենց որ ներս մտա, նա անջատեց հեռուստացույցը։

— Թայմս֊սկվերը վատ հարեւան է հեռուստացույցի համար,— ասացի ես։ — Շատ են խանգարում…

— Այո,— ասաց նա։— Չափից դուրս։

Նա կափարիչով ծածկեց հեռուստացույցը եւ վերցրեց։ Շատ կուզենայի տեսնել այդ հեռուստացույցը նորմալ աշխատանքի ժամանակ։

Տարօրինակ է, չէ՞։ Զարմանալի էր, որ սենյակում չէր փչում էժանագին լիկյորի հոտ, եւ սեղանի տակ դրված աղբազամբյուղի մեջ էլ չկային դատարկ շշեր, ինչպես սովորաբար լինում է նման համարներում։ Ոչ մի նման բան։

Միակ հոտը, որ զգացի, բոլորովին անծանոթ էր ինձ։ Ես կարծում եմ, որ դա իր՝ Էքսարի հոտն էր։

— Հըմ,— բառաչեցի ես, անհարմար զգալով իմ գրասենյակում նրա հետ այնպես խոսելու համար։ Ես շատ կոպիտ պահեցի ինձ այն ժամանակ։ Նա հանգիստ նստել էր մահճակալին։

— Ես քսան դոլար ունեմ,— ասաց նա։ — Դուք բերե՞լ եք հինգը։

— Կարծում եմ, կլինի մոտս,— ասացի ես, նայելով թղթապատակին ու աշխատելով կատակի վերածել։ Նա ոչ մի խոսք չասաց, նույնիսկ չհրավիրեց նստել։ Ես հանեցի հինգ դոլարանոց թղթադրամը։

— Կլինի՞։

Նա առաջ թեքվեց եւ հայացքը գամեց թղթադրամին, կարծես այդպիսի մթության մեջ հնարավոր էր որեւէ բան տեսնել։ — Կլինի,— ասաց նա։— Բայց ինձ ստացական է պետք։ Վավերացված ստացական։

«Վավերացված ստացակա՞ն։ Այ քեզ բան»,— մտածեցի ես ու ասացի․— Գնանք։ Դեղատունը Քառասունհինգերորդ փողոցում է։

— Գնանք,— ասաց նա տեղից վեր կենալով եւ կարճ հազալով՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց անգամ իրար հետեւից։

Դեղատան ճանապարհին ես կանգ առա գրասենյակային պիտույքների կրպակի մոտ, գնեցի ստացականի բլանկներով գրքույկ եւ տեղնուտեղը լրացրի մի բլանկ։ «Միսթր Էգո Էքսարից ստացա քսան դոլար հինգ դոլարանոց թղթադրամի փոխարեն, որի համարն է… Նյու Յորք, ամսաթիվ»։

— Եղա՞վ,— հարցրի նրան։— Ես գրեցի թղթադրամի համարն ու սերիան, որ թվա, թե ձեզ հենց դա էր հարկավոր։— Նա շրջվեց իմ կողմը եւ կարդաց ստացականը։ Հետո համարը համեմատեց թղթադրամի համարի հետ, որը ես պահել էլ ձեռքումս եւ գլխով արեց։

Մենք սպասեցինք դեղագործին, որն այդ ժամանակ ապրանք էր բաց թողնում։ Երբ ես ստացականը ստորագրեցի, դեղագործը կարդաց այն քթի տակ, ուսերը թոթվեց եւ կնքեց իր կնիքով։

Ես երկու դոլար տվեցի նրան․ միեւնույն է, ես շահել էի։ Էքսարը սեղանին դրեց նոր, ճրթճրթան քսան դոլարանոցը։ Նա հետեւում էր, թե ես ինչպես եմ այն զննում լույսի տակ մեկ մի կողմից, մեկ՝ մյուս։

— Կեղծ չի՞,— հարցրեց նա։

— Ոչ… Բայց չէ որ ես ձեզ չեմ ճանաչում ու չգիտեմ ձեր փողերը ինչ են։

— Իհարկե։ Ես ինքս էլ այդպես կվարվեի։

Ստացականն ու հինգ դոլարը խցկելով գրպանը, նա շարժվեց դեպի դուռը։

— Հե՜յ,— գոռացի ես։— Շտապո՞ւմ եք դուք։

— Ոչ,— նա կանգ առավ եւ զարմացած նայեցի ինձ։— Չեմ շտապում։ Բայց դուք ստացաք քսանը հինգի դիմաց։ Գործը կատարված է։ Եվ վերջ։

— Ճիշտ է։ Չէի՞ք ուզի մի բաժակ սուրճ խմեինք միասին։

Նա տատանվեց։

— Ես եմ վճարում,— ասացի նրան։— Եկեք սուրճ խմենք։

— Իսկ դուք չե՞ք ուզում գործարքը քանդել,— անհանգստացավ նա։— Ես ստացական ունեմ։ Ամեն ինչ կնքված է։ Ես ձեզ քսան դոլար տվեցի, իսկ դուք ինձ՝ հինգ։ Գործը վերջացած է։

— Վերջացած է, վերջացած է,— ասացի ես, հրելով նրան դեպի ազատ սեղանը։— Ամեն ինչ նշված է, ստորագրված, վավերացված եւ ստուգված։ Ոչ ոք չի ուզում հետ կանգնել արածից։ Պարզապես ես ուզում եմ ձեզ սուրճ հյուրասիրել։

Չնայած նրա դեմքը պատած կեղտի շերտին, ես տեսա, որ նրա դեմքը պարզվեց։

— Սուրճ պետք չի։ Ես սնկապուր կուտեի։

— Հրաշալի է։ Ապուր։ սուրճ՝ միեւնույն է։ Ես սուրճ կխմեմ։ Ես նստեցի նրա դիմաց ու սկսեցի զննել։ Նա կռացել էր ափսեի վրա ու հապշտապ գդալը իրար հետեւից տանում էր բերանը՝ սրիկայի կենդանի օրինակ, որի բերանը առավոտից մի փշուր բան չի մտել։

Այդպիսի տիպը պիտի հարբած ընկած լինի դռների առաջ, աշխատելով իրեն պաշտպանել ոստիկանի մահակից։ Եվ նրա տեղը պանդոկում է, ու ոչ թե կարգին հյուրանոցում, եւ նրան վայել չէ քսան դոլարը վաճառել հինգ դոլարով ու կարգին մարդու նման էլ սնկապուր ուտել։

Բայց այդպես էլ պետք է լիներ։ Հեռուստատեսային հաղորդման համար, որը սարքել էին, սա շատ հարմար դերասան էր, ավելի լավին հնարավոր էլ չէր գտնել, միայն իզուր տեղը դոլարներդ քամուն կտային։ Սա այնքան լավ է մուրացիկ խաղում, որ մարդիկ ծիծաղում են նրա երեսին, երբ փորձում է շահութաբեր գործ փաթաթել իրենց վզին։

— Գուցե էլի՞ բան գնեք,— հարցրի նրան։

Նա գդալը չհասցրեց բերանին եւ կասկածանքով նայեց վրաս։

— Օրինա՞կ։

— Դե չգիտեմ։ Գուցե տասը դոլարը կգնեք հիսունո՞վ։ Կամ էլ քսանը՝ հարյուրով։

Նա մտքերի մեջ ընկավ, այդ մարդը։ Հետո նորից վրա պրծավ իր ապուրին։

— Դա գործ չի,— արհամարհանքով նետեց նա։— Միթե դա գործ է։

— Խնդրում եմ, ներեցեք ինձ։ Ես հենց այնպես հարցրի, համենայն դեպս։ Ես բոլորովին էլ չեմ ուզում ձեր հաշվին աշխատել։— Ես ծխեցի սիգարեթս ու լռեցի։

Խոսակիցս ճաշը կերավ եւ, իր կեղտոտ դեմքը հեռացնելով ափսեից, շրթունքները սրբեց թղթե անձեռոցիկով։

— Էլի բա՞ն եք ուզում գնել։ Քանի դեռ ես այստեղ եմ ու ժամանակ ունեմ։ Եթե դուք որեւէ հետաքրքիր առաջարկություն ունեք, մենք կարող ենք հենց հիմա, ինչպես ասում են՝ դրամարկղից չհեռացած, ամեն ինչ ձեւակերպել։

Նա ճմրթեց անձեռոցիկը եւ գցեց ափսեի մեջ։ Անձեռոցիկը թացացավ։ Նա ապուրի միջից միայն սունկերն էր հանել կերել։

— Ոսկե Դարբասներ նեղուցի վրայի կամուրջը,— հանկարծ առաջարկեց նա։

Սիգարեթս ձեռքիցս ընկավ։

— Ի՞նչ։

— Ոսկե Դարբասներ նեղուցի վրայի կամուրջը Սան Ֆրանցիսկոյում։ Ես նրա դիմաց վճարում եմ…— նա մտախոհ նայեց առաստաղին։ Ասենք, հարյուր քսանհինգ դոլար։ Հարյուր քսանհինգ դոլար, փողը տեղնուտեղը։

— Իսկ ինչո՞ւ հատկապես այդ կամուրջը,— ապուշավարի հարցրի ես։

— Որովհետեւ դա ինձ պետք է։ Դուք ինձ հարցրիք, ի՞նչ կուզեի գնել, ես պատասխանում եմ․ «Ոսկե Դարբասներ նեղուցի վրայի կամուրջը»։

— Իսկ ինչո՞ւ ոչ Ջորջ Վաշինգտոնի կամուրջը։ Դա այստեղ է, Նյու Յորքում, Հուդզոն գետի վրա։ Ինչո՞ւ եք գնում Արեւմուտքում գտնվող կամուրջը։

Նա քմծիծաղեց, ասես տուրք տալով իմ խորամանկությանը։

— Ոչ,— ասաց նա, ցնցելով ձախ ուսը։— Ես գիտեմ ինչ եմ ուզում։ Սան Ֆրանցիսկոյի Ոսկե Դարբասներ նեղուցի վրայի կամուրջը։ Կուզեք ծախեք, կուզեք՝ մի ծախեք։

— Ես համաձայն եմ։ Թող ձեր ուզածով լինի— զիջում եմ, բայց նկատի ունեցեք, ես ձեզ կարող եմ վաճառել կամուրջի միայն մի մասը, միայն այն, ինչ ինձ է պատկանում։

Նա գլխով արեց։

— Ինձ ստացական է պետք, գրեք։

Ես ստացական գրեցի։ Ամեն ինչ ոնց որ կարգն է։ Դեղագործը նորից վավերացրեց ստացականը, կնիքը դրեց արկղի մեջ եւ մի կողմ գնաց։ Էքսարը հաշվեց վեց քսանանոց եւ մեկ հինգանոց գրպանից հանեց դրամների հաստլիկ կույտից, որը խշխշում էր օսլայածի պես։ Հետո դրամների կույտը մտցնելով շալվարի գրպանը, նա նորից շարժվեց դեպի դուռը։

— Գուցե, նորի՞ց սուրճ խմենք,— հարցրի ես նրան։— Կամ գուցե ապո՞ւր։

Նա մտահոգված նայեց վրաս ու ոնց որ նույնիսկ ցնցվեց։

— Ինչի՞ համար։ Դուք էլի՞ բան եք ուզում վաճառել։

Ես ուսերս թոթվեցի։

— Իսկ դուք գնո՞ւմ եք։ Ասացեք, թե ինչ եք ուզում, եւ մենք այդ գործը գլուխ կբերենք։

Ժամանակն անցնում էր, բայց ես չէի ափսոսում։ Տասնըհինգ րոպեում ես սարքեցի հարյուր քառասուն դոլար։ Ավելի ճիշտ՝ մի քիչ պակաս․ չէ որ ես վճարեցի դեղագործին, եւ հետո նաեւ ապուրի ու սուրճի համար։ Այսինքն, դրանք անհրաժեշտ ծախսեր են, կարգն է այդպես։ Ես չէի ափսոսում։

Գուցե հիմա սպասեմ— տեսնեմ, թե նրանց սցենարում հետո ինչ է գալիս։ Նրանք կհարցնեն, թե ես մտքումս ինչ էի պահել, երբ այդ բոլորը վաճառում էի Էքսարին։ Ես կբացատրեմ, ու մրցանակները կթափվեն գլխիս՝ էլ սառնարաններ, էլ լավագույն ֆիրմաների ոսկերչական զարդեր եւ… ․

Մինչ ես սավառնում էի երկնքում, Էքսարն ինչ֊որ բան ասաց։ Մի ինչ֊որ շատ անհասկանալի բան։ Ես խնդրեցի, որ կրկնի։

— Էրուսանի նեղուցը,— կրկնեց նա։— Դանիայի ու Շվեդիայի միջեւ։ Ես դրա համար վճարում եմ երեք հարյուր ութսուն դոլար։

Ես լսած չկայի այդ նեղուցի մասին։ Շրթունքներս սեղմեցի ու մի պահ մտածեցի։ Լավ գումար է՝ երեք հայրուր ութսուն դոլար։ Մի ինչ֊որ տխմար նեղուցի համար։ Ես փորձեցի խորամանկել։

— Չորս հարյուր․ ու ձեռք֊ձեռքի տանք։

Նա ուժեղ հազաց եւ այդ պահին շատ հիվանդ տեսք ուներ։

— Ի՞նչ է պատահել,— հազիվհազ ասաց նա, խեղդվելով հազից։— Միթե երեք հարյուր ութսուն դոլարը քի՞չ փող է։ Դա շատ փոքր նեղուց է, ամենափոքրերից մեկը։ Ընդամենը երկուսուկես մղոն։ Իսկ գիտե՞ք նրա առավելագույն խորությունը։

— Համենայն դեպս մյուսներից քիչ չի,— խելոք տեսքով ասացի ես։

— Տասներկու ֆուտ,— գոռաց Էքսարը։— Ընդամենը տասներկու ֆուտ։ Ո՞վ ձեզ ավելի շատ կտա այդ նեղուցի համար։

— Հանգիստ,— ասացի ես, թփթփացնելով նրա կեղտոտ ուսին․— եկեք՝ ոչ ձեզ, ոչ մեզ։ Դուք ասում եք՝ երեք հարյուր ութսուն, ես ուզում եմ՝ չորս հարյուր։ Ի՞նչ կասեք երեք հարյուր իննսունի մասին։

Իրականում ինձ համար նշանակություն չուներ՝ տասը դոլար ավել, թե պակաս։ Բայց ինձ հետաքրքրում էր, թե ինչ պետք է լինի հետո։

Նա հանգստացավ։

— Երեք հարյուր իննսուն դոլար Էրուսանի նեղուցի համար,— փնթփնթաց նա, վախենալով, որ ես քաշում եմ իրեն։— Բայց ինձ միայն ծովն է հարկավոր, ես ավել բան չեմ ուզում։

— Այ թե ինչ կասեմ,— ես վեր բարձրացրի ձեռքերս։— Տվեք ինձ երեք հարյուր իննսուն, ու ես ծովափը ձրի տալիս եմ ձեզ։ Կլինի՞։

Նա մտքերի մեջ ընկավ։ Սկսեց ֆսֆսացնել։ Հետո ձերքով սրբեց քիթը։

— Լավ,— վերջապես ասաց նա։— Կլինի։ Էրուսանի նեղուցը երեք հարյուր իննսուն դոլարով։

Շրը՜խկ։ Շրխկաց դեղագործի կնիքը։ Գործն առաջ գնաց։ Էքսարն ինձ տվեց վեց հիսուն դոլարանոց դրամ, չորս քսանանոց եւ մի տասանոց՝ դարձյալ նոր թղթադրամների խշխշան կապոցից, որը պահում էր շալվարի գրպանում։

Ես մտածեցի հիսուն դոլարանոց թղթադրամների մասին, որ մնացին կապոցի մեջ, եւ զգացի, որ փսլինքս հոսում է։

— Օքե՜յ,— ասացի ես։— Հետո՞։

— Դուք դեռ վաճառո՞ւմ եք։

— Հարմար գնով, իհարկե։ Ի՞նչ կուզեիք գնել։

— Շա՜տ բան,— հառաչեց նա։— Բայց արժե՞ հիմա դրանով զբաղվել։ Այ թե ինչի մասին եմ մտածում։

— Իհարկե, արժե, քանի որ այդպիսի հնարավորություն կա։ Հետո, ով գիտի, գուցե ես չլինեմ ձեր մոտ, ուրիշ մարդիկ կգտնվեն, որոնք գները կբարձրացնեն, ու ինչ ասես կլինի։

Ես լռեցի, բայց նա շարունակում էր մռայլվել ու հազալ։— Ի՞նչ կասեք Ավստրալիայի մասին,— առաջարկեցի ես։ — Գուցե դուք Ավստրալիան կգնեք դե, ասենք, հինգ հարյուր դոլարով։ Կամ Անտարկտիդան։ Անտարկտիդան էժան կտամ։

Նա բացահայտորեն շահագրգռված էր։

— Անտարկտիդա՞ն։ Ինչքան եք ուզում նրա համար։ Չէ, ես էլ հատ֊հատ չեմ գնելու։ Մի կտոր այստեղից, մի կտոր՝ այնտեղից։ Շատ թանկ է նստում։

— Դուք, սիրելիս, գնում եք մաս֊մաս։ Մինագամից ավելի թանկ է սովորաբար։

— Իսկ եթե ես ամբողջը գնեմ։ Բոլորի համար ինչքա՞ն դոլարով։ Կամ Անտարկտիդան էժան կտամ։

— Ներեցեք, լավ չհասկացա,— օրորեցի գլուխս։— Ինչը՞, ամբո՞ղջը։

Նա այրվում էր անհամբերությունից։

— Ամբողջը։ Ամբողջ աշխարհը։ Երկիրը։

— Պահո՜,— ասացի ես։— Դա շատ եղավ։

— Ես հոգնեցի մաս֊մաս գնելուց։ Միանգամից գինը նշանակեք․ ես ամբողջը գնում եմ միանգամից։

Ես գլուխս շարժեցի․ ոչ դրական, ոչ էլ բացասական, ոչ հա, ոչ՝ չէ։ Փողը գալիս էր ձեռքս, եւ շատ փող։ Բայց, թերեւս ես հենց այստեղ պիտի ծիծաղեի նրա երեսին եւ գնայի։ Սակայն նույնիսկ չժպտացի։

— Իհարկե, դուք կարող եք իմանալ այդ գինը։ Բայց դա ի՞նչ է նշանակում։ Ես ուզում եմ հարցնել, թե իսկապես ասած, դուք ինչ եք ուզում գնել։

— Երկիրը,— ասաց նա ու այնպես մոտեցավ ինձ, որ ես նրա շունչը զգացի։ — Ես ուզում եմ Երկիրը գնել։ Ամբողջությամբ եւ լրիվ։

— Միայն թե լավ վճարեք։

— Ես գնի համար չեմ վիճի։ Չէ որ իսկական գործարք է։ Տալիս եմ երկու հազար դոլար։ Ստանում եմ Երկիրը, ամբողջ մոլորակը՝ օգտակար հանածոնեին ու գանձերին տիրանալու իրավունքով։ Եղա՞վ։

— Դուք սոսկալի շատ եք ստանում։

— Ես գիտեմ, որ շատ է,— համաձայնվեց նա։— Բայց ես շատ էլ վճարում եմ։

— Նրա դիմաց, ինչ ուզում եք՝ շատ չի։ Թողեք ես մտածեմ։

Դա մեծ գործարք էր, մեծ մրցանակ։ Ես չգիտեի, թե հեռուստատեսությունում ինչքան փող են տվել նրան, բայց համոզված էի, որ երկու հազար դոլարը սոսկ սկիզբն է։ Բայց ինչպե՞ս կարգին գին նշանակեմ Երկրի համար ու սխալ թույլ չտամ։

Հեռուստատեսությունում ես պիտի խղճուկ մժեղ չերեւամ։ Պետք է կռահել բարձրագույն գինը, որը Էքսարին ասել է ռեժիսորը։

— Ձեզ իրո՞ք բոլորն է հարկավոր,— հարցրի ես, շրջվելով նրա կողմը։— Երկիրը եւ Լուսինը։

Նա առաջ մեկնեց իր կեղտոտ թաթը։

Միայն Լուսնին տիրելու իրավունքը։ Մնացածը կարող եք ձեզ պահել։

— Միեւնույն է՝ դա շա՜տ֊շա՜տ է։ Այդպիսի անշարժ գույքի համար դուք պիտի երկու հազարից ավելի տաք։

Էքսարը մռայլվեց ու ցնցվեց ամբողջ մարմնով։

— Ինչքա՞ն… Ինչքա՞ն ավել։

— Լավ, եկեք հիմարի տեղ չդնենք իրար։ Խոշոր գործ է։ Չէ որ մենք էլ չենք խոսում կամուրջների, կամ գետերի ու ծովերի մասին։ Դուք գնում եք մի ամբողջ աշխարհ եւ մյուսի մի մասն էլ վրան։ Այնպես որ պիտի լայն բացեք քսակդ։ Փողերը պատրաստեք։

— Ինչքա՞ն,— թվում էր, թե նրա մարմինը գալարվում է կեղտոտ կոստյումի տակ։ Մարդիկ շրջվում, մեզ էին նայում։— Ինչքա՞ն,— շշնջաց նա։

— Հիսուն հազար։ Ու դա անասելի էժան է։ Ինքներդ էլ գիտեք։

Էքսարն ամբողջովին թուլացավ։ Նրա սոսկալի աչքերը, կարծես, էլ ավելի փոս ընկան։

— Դուք խելագար եք,— շշնջաց նա հազիվ լսելի ձայնով։— Դուք ցնդել եք։

Նա շրջվեց դռան կողմը մի այնպիսի տանջված տեսքով, որ ինձ համար պարզ դարձավ՝ ես համը հանել էի։ Նա նույնիսկ չշրջվեց։

Ես թափով քաշեցի նրա պիջակի փեշից։

— Էքսար, լսեք,— արագ֊արագ խոսեցի ես, իսկ նա այդ ընթացքում աշխատում էր դուրս պրծնել ձեռքիցս։— Ես հասկանում եմ, որ չափից դուրս շատ ասացի։ Բայց դուք կարող եք երկու հազարից շատ տալ։ Ես ուզում եմ իմանալ ձեր ամենաթանկ գինը։ Թե չէ էլ ինչի համար եմ այսքան ժամանակ վատնում ձեզ հետ։ Ու էլ ո՞վ գլուխ կդնի ձեզ հետ։

Նա կանգնեց։ Հետո գլուխը բարձրացրեց ու օրորեց։ Իսկ երբ մենք քայլեցինք իրար կողքից, ես բաց թողի նրա պիջակը։ Ամեն ինչ նորից սկսվեց։

— Լավ։ Դուք ինձ եք զիջում, ես՝ ձեզ։ Գինը մի քիչ բարձրացնենք։ Ձեր վերջին խոսքը։ Ինչքա՞ն կարող եք տալ։

Նա նայեց պատուհանին եւ լեզվով մտախոհ լիզեց կեղտոտ շրթունքները։ Նրա լեզուն էլ էր կեղտոտ։ Իսկապես, մի ինչ֊որ կեղտ, յուղի կամ մրի նման բան, ծածկել էր նրա լեզուն։

— Ի՞նչ կասեք երկուսուկես հազարի մասին,— մի քիչ անց հարցրեց նա։— Ավելին չեմ կարող։ Ինձ մոտ ոչ մի ցենտ չի մնում։

Նա նույն խմորից էր հունցված, ինչ֊որ ես եւ մինչեւ ուղնուծուծը առեւտրական էր։

— Վերջացնենք երեք հազարով,— չէի զիջում ես,— իսկ միթե դա շատ է, երեք հազարը։ Մի հինգ հարյուր դոլար ավելի։ Մտածեք, թե ինչ եք ստանալու դրա դիմաց։ Երկիր․ Ամբողջ մի մոլորկ՝ եւ ձկնորսություն, եւ օգտակար հանածոներ, եւ գանձեր, եւ դրա հետ էլ՝ Լուսնի բոլոր հարստությունները։ Հը՞, ինչ կասեք։

— Չեմ կարող։ Ուղղակի չեմ կարող։ Կուզենայի, բայց չեմ կարող։ Նա գլուխն օրորեց, ասես ջանալով ազատվել իմ ցնցումներից։— Այսպես պայմանավորվենք։ Ես ձեզ տալիս եմ երկու հազար վեց հարյուր։ Դրա դիմաց դուք ինձ տալիս եք միայն Երկիրը, իսկ Լուսնից՝ միայն գանձարանները։ Օգտակար հանածոները ձեզ են մնում Ես առանց դրանց էլ կապրեմ։ Ընտրեցեք, ո՞րն եք ուզում։

— Թող լինի երկու հազար ութ հարյուր եւ վերցրեք օգտակար հանածոները։ Դրանք ձեզ պետք կգան։ Վերցրեք եւ տիրացեք։ Եվս երկու հարյուր դոլար՝ եւ բոլորը ձերն է։

— Ես չեմ կարող բոլորին տիրանալ։ Կան բաներ, որոնք ուժիցս վեր են։ Ի՞նչ կասեք երկու հազար վեց հարյուր հիսունի մասին՝ առանց օգտակար հանածոների եւ գանձարանների իրավունքի։

Գործը գլուխ էր գալիս։ Ես դա զգում էի։

— Ահա վերջին խոսքս,— ասացի ես։— Առաջարկում եմ երկու հազար յոթ հարյուր հիսուն եւ ոչ մի ցենտ պակաս։ Ես ձեզ տալիս եմ Երկիրը եւ Լուսնի վրա գանձեր գտնելու իրավունք։ Ընտրեք որը կուզեք։

— Լավ, — ասաց նա։— Գրողը տալի ձեզ, համաձայն եմ։

— Երկու հազար յոթ հարյուր հիսուն Երկրի եւ Լուսնի գանձերի համա՞ր։

— Ոչ, ուղիղ երկու հազար յոթ հարյուր եւ ոչ մի Լուսին։ Մոռանանք նրա մասին։ Ուղիղ երկու հազար յոթ հարյուր, եւ ես կստանամ Երկիրը։

— Եղա՜վ,— բացականչեցի ես, ու մնեք ձեռք֊ձերքի խփեցինք։

Համաձայնությունը կայացվեց։

Հետո ես գրկեցի նրա ուսերը (արժե՞ ուշադրություն դարձնել կեղտի վրա, եթե մարդը ինձ տալիս է երկու հազար յոթ հարյուր դոլար, ու մենք նորից ուղղվեցինք դեպի դեղատուն։

— Ինձ ստացական է պետք,— հիշեցրեց նա…

— Շատ լավ,— պատասխանեցի ես։— Ես կգրեմ նույնը․ ես վաճառում եմ այն ամենը, ինչ ունեմ կամ էլ վաճառելու իրավունք ունեմ։ Դուք հաջող գնում կատարեցիք։

— Իսկ դուք լավ փող վաստակեցիք ձեր ապրանքով,— պատասխանեց նա։ Այժմ նա ինձ դուր էր գալիս։ Կեղտոտ, անընդհատ ցնցվող, ինչ որ է, նա իմ խելքին մարդ էր։ Մենք մոտեցանք դեղագործին, որ ստացականը վավերացնենք, ու, ազնիվ խոսք, ես նրանից ավելի գարշելի մարդ տեսած չկայի։

— Լավ բիզնես արիք, հը՞,— ասաց նա։— Շա՞տ չեք տաքարել։

— Լսեք,— պատախսանեցի ես,— ձեր գործը վավերացնելն է։— Ես ստացականը ցույց տվի Էքսարին։— Հարմա՞ր է։

Նա հազում էր եւ ուսումնասիրում ստացականը։

— Այն ամենը, ինչ դուք ունեք եւ կամ էլ վաճառելու իրավունք ունեք։ Հոյակապ է։ Եվ, գիտեք ինչ, գրեք ձեր իրավազորության մասին որպես առեւտրական գործակալ, ձեր պրոֆեսիոնալ իրավազորության մասին։

Ես փոփոխություն մտցրի եւ ստորագրեցի։ Դեղագործը կնքեց ստացականը։

Էքսարը շալվարի գրպանից հանեց փողերի կապոցը։ Նա հաշվեց հիսունչորս խշխշան, նոր հիսուն դոլարանոցներ եւ դրեց ապակե վաճառասեղանի վրա։ Հետո զգուշորեն վերցրեց ստացականը, պահեց եւ ուղղվեց դեպի դուռը։

Ես վերցրի փողերը եւ վազեցի նրա հետեւից։

— Գուցե էլի՞ մի բան։

— Ոչ մի բան,— պատասխանեց նա։— Գործն արված է։

— Ես հասկանում եմ, բայց մենք մի ուրիշ բան էլ կարող ենք գտնել, մի ուրիշ ապրանք։

— Այլեւս բան չկա։ Գործն արված է։

Նրա ձայնից հասկացա, որ իսկապես այդպես է։

Ես կանգնեցի ու նայում էի, թե նա ինչպես է հրում պտտվող դուռը։ Նա դուրս եկավ փողոց, թեքվեց ձախ ու այնպես արագ քայլեց, ասես սարսափելի ուշանում էր։

Գործն արված է։ Օքե՜յ։ Իմ գրպանում կար երեք հազար երկու հարյուր երեսուն դոլար, որ աշխատել էի այս առավոտվա ընթացքում։

Բայց ճի՞շտ էի արդյոք գործում։ Իսկապե՞ս դա ամենամեծ գումարն էր, որ սցենարով հասնում էր ինձ։ Ու որքանո՞վ էի մոտեցել այդ գումարին։

Իմ ծանոթներից մեկը՝ Մորիս Բարլապը, գուցե կօգնի ինձ գլուխ հանել այս գործից։

Մորիսը, ինչպես եւ ես, զբաղվում էր բիզնեսով, բայց յուրատեսակ բիզնեսով, նա թատերական գործակալ էր եւ գործը գիտեր հինգ մատների պես։ Պղնֆալար վաճառելու կամ էլ ինչ֊որ մեկի համար Բրուկլինում հողակտոր հաջողացնելու փոխարեն նա զբաղվում էր տաղանդների վաճառքով։ Նա դերասանական խումբ էր վաճառում լեռնային հյուրանոցին, դաշնակահար՝ բարին, հաղորդավար՝ թատերական հանդեսին, կոմիկ՝ գիշերային ռադիոծրագրին։

Ես հեռախոսախցիկից զահգահարեցի նրան ու հարցրի հեռուստացուցային վիկտորինայի մասին։

— Ես ուզում եմ իմանալ…

— Իմանալու բան չկա,— կտրեց նա։— Ոչ մի վիկտորինա չկա, Բեռնի։

— Կա, ոնց չկա, գրողը տանի, Մորիս։ Դու ուղղակի չես լսել։

— Այդպիսի ներկայացում չկա։ Չի պատրաստվում եւ փորձեր էլ չեն արվում։ Ինքդ մտածիր, մինչեւ հաղորդումն սկսելը ահագին փող են ծախսում՝ սցենար է պետք, ժամանակ է պետք հեռուստատեսության համար։ Իսկ նախքան ժամանակ գնելը՝ ռեժիսորը պատրաստում է ռեկլամը։ Եվ երբ կատարողների համար ինձ զանգ են տալիս, ես արդեն լսած եմ լինում ներկայացման մասին, ականջներս արդեն տարած են լինում։ Ես գիտեմ, ինչ եմ ասում, Բեռնի, ու որ ասում եմ, թե այդպիսի ներկայացում չկա, ուրեմն չկա։

Նա սոսկալի ինքնավստահ էր։ Հանկարծ գլխումս մի խելացնոր միտք ծագեց։ Ո՛չ։ Չի կարող պատահել։ Ո՛չ։

— Ուրեմն, դա, ինչպես ասում էր Ռիկարդոն, կամ թերթն է կամ էլ համալսարանական հետազոտություն։

Նա մտքերի մեջ ընկավ։ Իսկ ես կանգնած էի հեղձուցիչ հեռախոսախցիկում եւ սպասում էի՝ Մորիսի ուսերի վրա գլուխ կար։

— Այդ սատանայական փաստաթղթերը, այդ ստացականները, չէ, թերթերն ու համալսարաններն այդպես չեն աշխատում։ Եվ դա ոչ էլ տարօրինակության է նման։ Ես կասկածում եմ, որ քեզ խաբել են, Բեռնի, չգիտեմ ինչով եւ ինչպես, բայց խաբել են։

Այդ բառերն ինձ հերիք էին։ Մորիս Բառլապը խաբեությունը զգում է յոթ կողպեքի տակից։ Նա չի սխալվում։ Երբե՛ք։

Ես լսափողը կախեցի ու մտքերի մեջ ընկա։ Խելացնոր միտքը նորից վերադարձավ գլուխս եւ ռումբի պես պայթեց ուղեղիս մեջ։

Տիեզերական եկվորների ավազակախումբը որոշել է զավթել Երկիրը։ Գուցե՞ նրանք պատրաստվում են այստեղ գաղութ հիմնել, իսկ գուցե եւ առողջարան, ո՞վ գիտի նրանց։ Նրանք բավականաչափ ուժեղ են եւ զարգացած, որ Երկիրը ուժով գրավեն։ Բայց չեն ուզում դա անել անօրինական կարգով, նրանց իրավաբանական հիմնավորում է պետք։

Այսպես։ Գուցե՞ այդ ավազակներին միայն պետք էր, որ մարդկային ցեղի մի լիիրավ ներկայացուցչից թղթի կտոր ստանային Երկիրն իրենց հանձնելու մասին։ Մի՞թե դա ճիշտ է։ Թղթի մի կտոր։ Որն ով ասես կարող էր ստորագրել։ Ես մտա հեռախոսախցիկ եւ հավաքեցի Ռիկարդոյի համարը։ Նա քոլեջում չէր։

Ես հեռախոսավարուհուն բացատրեցի, որ շատ կարեւոր գործ ունեմ, եւ նա պատասխանեց․ «Լավ, կաշխատեմ գտնել իրան»։

Այդ բոլոր փչոցները, Ոսկե Դարպասների կամուրջը, Էրուսանի նեղուցը— այս բոլորը նույնպիսի օյինբազություն են, ինչպես որ քսանանոցը հինգով առնելը։ Բիզնեսմենի գործողություններում կա մեկ հավաստի նշան՝ հենց որ նա դադարեցնում է բանակցությունները, փակում է խանութը եւ գնում, ուրեմն, նա ստացել է արդեն իր ուզածը։

Էքսարն ուզում էր ստանալ Երկիրը։ Իսկ Լուսնի վերաբերյալ բոլոր այդ լրացուցիչ իրավունքները՝ զուտ փչոց էր։

Նրանք այդ օյինը հնարեցին, որ ինձ շփոթեցնեն ու ավելի էժան գնեն։

Այո, Էքսարն ինձ հիմարացրեց։ Նա ասես հատուկ, ուսումնասիրել էր, թե ես ինչպես եմ աշխատում։ Ասես հենց անպայման ինձնից պիտի գներ։

Բայց ինչո՞ւ ինձնից։

Ու ինչ էր նշանակում ստացականի մեջ իմ իրավազորության վերաբերյալ այդ զառանցանքը, գրողը տանի, ի՞նչ էր դա նշանակում։ Ես Երկրի տերը չեմ, ես չեմ զբաղվում մոլորակների առք ու վաճառքով։ Դուք պիտի մոլորակի տերը լինեք, որ այն վաճառեք։ Օրենքն է այդպես։

Բայց ես ի՞նչ վաճառեցի Էքսարին։ Ես ոչ մի անշարջ գույք չունեմ։ Գուցե նրանք պատրաստվում են զավթե՞լ իմ գրասենյակը, իրենցը համարել մայթի այն մասը, որտեղով ես քայլում եմ, կամ կալանքի տակ վերցնել սրճարանի այն աթոռը, որի վրա նստած ես սուրճ եմ խմում։ Դա ինձ վերադարձրեց ելակետային հարցին․ ովքե՞ր են «նրանք»։

Վերջապես հեռախոսավարուհին գտավ Ռիկարդոյին։ Նա դժգոհ էր։

— Ես ֆակուլտետում ժողովի էի, Բեռնի։ Հետո կզանգահարեմ քեզ։

— Մի րոպե սպասիր,— աղաչեցի ես։— Ես խրվել եմ, ու չգիտեմ կկարողանա՞մ դուրս գալ, թե չէ։ Ինձ շատ պետք է քո խորհուրդը։

Ես խոսում էի առանց շունչ քաշելու, լսափողում լսվում էին ինչ֊որ խոշոր բոսերի ձայներ, իսկ ես առանց դադար տալու պատմում էի առավոտյան մեր խոսակցությունը, հետո գլխիս եկածի մասին։ Ինչ տեսք ուներ Էքսարը, ինչ հոտ էր գալիս նրանից, ինչ տարօրինակ գունավոր հեռուստացույց էր նայում, ինչպես հրաժարվեց Լուսնի նկատմամբ իրավունքներից եւ գնաց, համոզվելով, որ Երկիրը գնել է։ Ինչ ասաց այդ կապակցությամբ Մորիս Բառլապը, եւ ինչ կասկածներ ունեմ ես ինքս, ամեն ինչ ասացի։

— Միայն մի բան, — ես ծիծաղեցի, ձեւացնելով, թե լուրջ չեմ ընդունում այս ամբողջ պատմությունը։— Ես ո՞վ եմ, որ այդպիսի գործարքներ կնքեմ, հը՞։

Նա որոշ ժամանակ մտածում էր։

— Չգիտեմ, Բեռնի, դա արդյո՞ք հնարավոր է։ Պետք է նայել բոլոր «դեմ» եւ «կողմ»֊երը։ Թերեւս, դա կապված է ՄԱԿ֊ի հետ։

— ՄԱ՞Կ֊ի։ Չեմ հասկանում։ Դա ինչ կապ ունի ՄԱԿ֊ի հետ։

— Շատ ուղղակի։ Հիշիր ՄԱԿ֊ում երկու տարի առաջ իմ եւ քո կատարած ուսումնասիրությունները։

Նա խոսում էր ակնարկելով, որպեսզի կողքը կանգնած կոլեգաները իրեն չկարողանան հասկանալ։ Բայց ես հասկացա։ Հասկացա։

Էքսարը, երեւի, հոտն առել էր, որ Ռիկարդոն ինձ փող աշխատելու հնարավորություն էր տվել ՄԱԿ֊ի նյույորքյան շենքի դուրս գրված գրասենյակային կահույքի եւ սարքավորումների վաճառքի շնորհիվ։ Ինձ նույնիսկ պաշտոնական փաստաթուղթ տվեցին։ Եվ մի ինչ֊որ տեղ քարտերի մեջ մինչեւ հիմա էլ պահվում է ՄԱԿ֊ի բլանկը, որտեղ գրված է, որ ես իրենց պաշտոնական ներկայացուցիչն եմ վաճառելիք գույքի, դուրս գրված սարքավորման եւ գրասենյակային կահույքի վաճառքի գծով։

Ահա եւ ձեզ իրավաբանական հիմնավորում։

— Դուք կարծում եք, որ այդ թուղթը իրակա՞ն է,— հարցրի ես Ռիկարդոյին։— Գցենք, թե Երկիրը դուրս գրված սարքավորում է։ Բայց ի՞նչ գործ ունի այստեղ վաճառելիք գույքը։

— Միջազգային օրենքները շատ խճճված բան են, Բեռնի։ Իսկ այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ կարող է լինել։ Պետք է մտածել ու մի բան գտնել։

— Բայց եւ ի՞նչ պիտի ես անեմ, Ռիկարդո։

— Բեռնի,— բարկացած գոռաց նա,— ես քեզ չասացի, որ հիմա ֆակուլտետային ժողով ունեմ, գրո՛ղը տանի։ Ֆակուլտետային ժողով։

Ու նա լսափողը կախեց։ Ես խենթի պես դուրս թռա դեղատնից, մի տաքսի նստեցի ու սլացա հյուրանոց, որտեղ ապրում էր Էքսարը։

Ինչի՞ց այդպես վախեցա։ Չգիտեմ, բայց քիչ մնաց կաթված ստանայի։ Այս բոլորը չափից դուրս նշանակալի էր փոքրիկ մարդու համար, ինչպիսին ես էի, եւ այդ նշանակալիության մեջ ինչ֊որ վտանգավոր բան կար։ Արդյունքը կարող էր լինել այն, որ ես կդառնայի մարդկային պատմության մեջ ամենամեծագույն ապուշը։ Ոչ ոք ինձ հետ այլեւս գործարք չի կնքի։ Ես այնպես էի զգում, կարծես ինչ֊որ մեկը ինձ խնդրել էր լուսանկար վաճառել, եւ ես պատասխանել էի․ «Խնդրեմ», իսկ հետո պարզվել էր, որ դա գերգաղտնի ատոմային հրթիռներից մեկի լուսանկարն է։ Կարծես ես պատահաբար ծախել էի հայրենիքս։ Միայն թե իրականում շատ ավելի վատ էր, ես ծախել էի մեր ամբողջ աշխարհը։ Ես պետք է ետ գնեմ այն, պե՛տք է ետ գնեմ։

Երբ վազելով ներս ընկա Էքսարի սենյակը, նա արդեն պատրաստվում էր դուրս գալ։ նա իր փոքրիկ հեռուստացույցը դնում էր էժան կաշվեից պայուսակի մեջ։ Ես հետեւիցս դուռը չփակեցի, որ սենյակում լույս լինի։

— Գործն արված է,— ասաց նա։— Վերջացավ։ Այլեւս գործ չի լինի։

Ես փակեցի նրա ճանապարհը։

— Էքսար,— ասացի ես։— Լսեք, թե ինչ եմ ասում ձեզ։ Դուք մարդ չեք։ Ինչպես, օրինակ, ես։

— Ես, սիրելիս, ձեզնից էլ մարդկային եմ։

— Հնարավոր է, բայց դուք երկրացի չեք՝ այ թե ինչումն է բանը։ Ձեր ինչի՞ն է պետք Երկիրը…

— Ինձ բոլորովին պետք չէ։ Ես ներկայացնում եմ ոմն անձնավորություն։

Ա՜յ թե ինչ։ Դու ճիշտ ես, Մորիս Բառլապ։ Ես հայացքս գամեցի նրա ձկնային աչքերին, որոնք սաստիկ մոտեցել էին դեմքիս։ Բայց ես չնահանջեցի։

— Դուք ինչ֊որ մեկի գործակալն եք,— դանդաղ ասացի ես։— Ո՞ւմ։ Իսկ ինչո՞ւ է այդ ոմն մեկին պետք եկել Երկիրը։

— Դա իմ գործը չի։ Ես գործակալ եմ։ Ես միայն գնում եմ նրանց համար։

— Դուք միջնորդագումար ստանո՞ւմ եք։

— Բա չէ, հո ձրի չեմ աշխատի։

«Այո, դու ձրի չես աշխատի»,— մտածեցի ես։ Այդ հազը, ցնցումները, ջղաձգումները։ Ես հասկացա դրանց պատճառը։ Նա սովոր չէր կլիմային։ Այ եթե ես հայտնվեմ Կանադայում, անպայման անկողին կընկնեմ ուրիշ ջրից կամ մի որեւէ այլ բանից առաջացած հիվանդության պատճառով։

Իսկ նրա դեմքի ցեխն էլ արեւի դեմ օգտագործվող քսուքի նման բան էր։ Մեր արեւի։ Ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Պատուհանների վարագույրները, դեմքի կեղտը, հագուստի կեղտն էլ է նույնը, ինչ֊որ դեմքինը։

Էքսարը մուրացկան չէր։ Ինչ ասես, բայց ոչ դա։ «Ուղեղդ շարժիր, Բեռնի,— ասացի ինքս ինձ։— Այս ջահելը քեզ լավ շշկռացրեց»։

— Ինչքա՞ն եք դուք վաստակում՝ տասը տոկո՞ս։— Նա ինձ չպատասխանեց, այլ կռացավ ինձ վրա, ավելի հաճախակի սկսեց շնչել ու ցնցվել։ — Ես ավելին կվճառեմ, Էքասր։ Գիտե՞ք ինչքան կտամ։ Տասնհինգ տոկոս։ Սիրտս չի դիմանում, երբ մարդը դես ու դեն է ընկնում խղճուկ տասը տոկոսի համար։

— Իսկ էթիկա՞ն,— կոպիտ ընդհատեց նա։— Չէ որ ես հաճախորդ ունեմ։

— Մի տեսե՜ք հապա, նա խոսում է էթիկայի մասին։ Այս ամբողջ նզովյալ Երկիրը երկու հազար յոթ հարյուր դոլարով գնեցիք ու դա անվանում եք էթիկա։

Հիմա էլ նա կատաղեց։ Պայուսակը դրեց հատակին եւ բռունցքով խփեց ափին։

— Ոչ, դա ես անվանում եմ բիզնես, գործարք։ Ես առաջարկում եմ, դուք՝ համաձայնվում եք։ Դուք երջանկացած գնում եք, դուք հաջող գործարք կատարեցիք։ Ու հանկարծ չգիտես ինչու ետ եք վազում, փսլինքներդ թափում եք ու հայտնում, որ այդքան շատ բան չէիք ուզում վաճառել այդպիսի գրոշներով։ Դա ի՜նչ բան է։ Ես իմ էթիկան ունեմ, իմ հաճախորդին չեմ խաբի մի փսլնքոտի պատճառով։

— Ես փսլնքոտ չեմ։ Ես ուղղակի պստիկ մժեղ եմ եւ հազիվ եմ ծայրը֊ծայրին հասցնում։ Ես ով եմ ուրիշ աշխարհցի հսկայի դեմ, որը գիտի, թե ոնց ինձ մի մատով խաղացնի։

— Եթե դուք կարողանայիք մի մատով ինձ խաղածնել, ինչ է, այդպես չէի՞ք անի։

— Բայց ոչ այդպես։ Մի ծիծաղեք, Էքսար, ճիշտ եմ ասում։ Ես չէի խաբի հաշմանդամին։ Ես չէի պտտեցնի խղճուկ դմբոյի գլուխը, որ նա ինձ մոլորակ ծախի։

— Բայց դուք հո ծախեցիք,— ասաց նա։— Այս ստացականը ամեն տեղ էլ կգործի։ Իսկ որպեսզի նրա ուժը ամրացնենք՝ մեր տեխնիկան կօգնի։ Հենց որ իմ հաճախորդը դառնա այս փաստաթղթի տերը, մարդկային ցեղին՝ վերջ, «կապուտ», նրա մասին մոռացեք։ Իսկ քավության նոխազն էլ դուք կլինեք։

Համարում շոգ էր, ու ես քրտնեցի՝ թրջված մկան պես։ Բայց սիրտս մի քիչ հանգստացավ։ Էքսարը համենայն դեպս դեմ չի բանակցություններին։ Ես քմծիծաղեցի։

Նրա դեմքը թեթեւակի շառագունեց կեղտի տակ։

— Ի՞նչ եք առաջարկում,— ասաց նա։— Թիվն ասեք։

— Դուք ասեք։ Դուք վաճառում եք, ես՝ գնում։

— Հըմ,— անհամբերությամբ փնչացրեց նա ու մի կողմ հրեց ինձ։

Նա ուժեղ էր։ Ես նրա հետեւից վազեցի դեպի վերելակը։

— Ինչքա՞ն եք ուզում, Էքսար,— հարցրի ես, երբ մենք իջնում էինք վերելակով։

Նա թոթվեց ուսերը։

— Ես ունեմ մոլորակ ու արդեն նրա գնորդը։ Դուք խրվել եք։ Ինքներդ եք խրվել, ինքներդ էլ դուրս պրծեք։

Այ քեզ ստոր։ Ամեն ինչի համար պատրաստի պատասխան ունի։

Նա հանձնեց համարի բանալին, ու մենք նորից հայտնվեցինք փողոցում։ Քայլում էինք Բրոդվեյով, ու ես նրան առաջարկեցի երեք հազար երկու հարյուր երեսուն դոլար, որ ստացել էի նրանից, իսկ նա պատասխանեց, որ կուշտ փորով հաց չի ուտի, եթե առնի ու ծախի նույն գումարով։— Երեք հազար չորս հարյուր,— առաջարկեցի ես։— Այսինքն ուզում եմ ասել՝ երեք հազար չորս հարյուր հիսուն։

Նա նույնիսկ գլուխը չթեքեց իմ կողմը։

Եթե ես մի որեւէ թիվ չասեմ, միեւնույն է՝ ինչ թիվ, ապա վերջս եկել է։

Ես վազեցի առաջ։

— Էքսար, բավական է իրար քթից քաշենք, առանց դրան էլ իմ քիթը մեծ է։ Ասացեք գումարը։ Ինչքան էլ որ լինի՝ ես կվճարեմ։

Դա ազդեց։

— Իսկապե՞ս։ Ու չեք խաբի՞։

— Ինչպես կարող եմ ձեզ խաբել։ Ես ոչ մի ելք չունեմ։

— Լավ։ Ես կօգնեմ ձեզ ու ինքս էլ ուժերս կխնայեմ՝ էլ ստիպված չեմ լինի հասնել իմ պատվիրատուին։ Բայց ոնց անենք, որ բոլորի համար էլ լավ լինի, ձեզ էլ չնեղացնեմ, ես էլ չտուժեմ։ Ուրեմն՝ ուղիղ ութ հազար։

Ութ հազար․ դա գրեթե իմ ունեցած գումարն էր, որ դրված էր բանկում։ Նա ստույգ գիտեր, թե ես ինչքան փող ունեմ։

Ու մտքերս էլ գիտեր։

— Եթե որոշել ես որեւէ մեկի հետ գործ բռնել,— ասում էր նա հազի նոպաների արանքում,— ապա մարդու մասին ամեն ինչ պետք է իմանաս։ Դուք ունեք ութ հազար, ու մի քիչ էլ մանր։ Դա այնքան էլ շատ չի սեփական վիզը փրկելու համար։

Ես փրփրեցի։

— Այնքան էլ շա՞տ չի։ Դե լավ, ես քո հետ ուրիշ կերպ կխոսեմ, ողորմելի բարեգործ, անիծյալ մարդասեր։ Ոչ մի բան էլ չեմ զիջի։ Ես բանկից մի ցենտ անգամ չեմ հանի ոչ ձեզ, ոչ Երկրի, ոչ էլ մի ուրիշի համար։

Ոստիկանը մոտեցավ մեզ, ու սկսեց նայել, թե այս ինչո՞ւ եմ ձայնս գցել, ու ես ստիպված մի քիչ սսկվեցի, մինչեւ որ հեռացավ մեզանից։

— Օգնությո՜ւն։ Ոստիկա՜ն։ Եկվորները նեղո՜ւմ են մեզ,— քիչ մնաց գոռայի ես։ Ինչի՜ կվերածվեր այս փողոցը, որտեղ մենք կանգնած էինք Էքսարի հետ, եթե այն ժամանակ ես նրան չհամոզեի հրաժարվել ստացականիցս։

— Ենթադրենք, թե ձեր պատվիրատուն կզավթի Երկիրը, բոլորի աչքը մտցնելով իմ տված ստացականը, ու ինձ կկախեն առաջին իսկ ծառից։ Բայց ես մի կյանք ունեմ, եւ այդ կյանքը՝ առք ու վաճառք է։ Ես առանց կապիտալի չեմ կարող գնել ու վաճառել։ Ինձնից որ իմ կապիտալը խլեն,, ինձ համար միեւնույն կլինի, թե ով է Երկրին տիրում, եւ ով՝ չի տիրում։

— Գրողը տանի, դուք ո՞ւմ եք հիմարի տեղ դնում,— հարցրեց նա։

— Ոչ մեկին։ Ազնիվ խոսք, ես ճշմարտություն եմ ասում, իմ կապիտալը որ վերցնեն, իմ ապրելն ու չապրելը մեկ կլինի։

Ստի այս վերջին կաթիլը, կարծես, արդեն լցրեց բաժակը։ Հավատացեք, երբ ես փչում էի այս ստերը, աչքերիցս ամենաիսկական արցունքներ էին հոսում։ Ինչքա՞ն է ինձ հարկավոր, հարցրեց նա, հի՞նգ հարյուր դոլար։ Ես պատասխանեցի, որ մի օր էլ չեմ աշխատի, եթե չունենամ դրանից հինգ անգամ ավելի գումար։ Նա հետաքրքրվեց, ես իրո՞ք պատրաստվում եմ ետ գնել այս նզովյալ մոլորակը, թե այսօր իմ ծննդյան օրն է եւ նվեր եմ ուզում իրենից։

— Ինձ ձեր նվերները պետք չեն, — ասացի ես։— Դրանք գիրուկներին նվիրեք։ Նրանք պետք է դիետայով ուտեն։

Ու մենք այդպես խոսելով քայլում էինք։ Երկուսս էլ խռպոտած վիճում էինք, ինչով ասես երդվում, սակարկում, իրարից հեռանում էինք ու նորից մոտենում։ Եվ բոլորովին պարզ չէր, թե ով առաջինը կզիջի։

Բայց ոչ ոք չէր զիջում։ Երկուսս էլ լավ դիմանում էինք, մինչեւ չհասանք իմ ուզած գումարին, թերեւս՝ մի քիչ ավելի, բայց դե այդքանով համաձայնության եկանք։

Վեց հազար հարյուր հիսուն դոլար։

Այդ գումարը գրեթե երկու անգամ շատ էր Էքսարի ինձ տված գումարից։ Բայց ավելի պակասեցնել՝ չկարողացա։

Դե գիտեք, էլի, կարող էր ավելի վատ լինել։ Եվ, այնուամենայնիվ, քիչ մնաց գժտվեինք, երբ նա խոսք բացեց վճարման մասին։

— Ձեր բանկը այստեղից մոտ է։ Մենք կհասցնենք մինչեւ փակվելը։

— Ուզո՞ւմ եք ինֆարկտի հասցնել ինձ։ Իմ չեքը նույն ոսկին է։

Վերջ ի վերջո համոզեցի նրան, որ չեքը վերցնի։ Ես չեքը տվեցի նրան, իսկ նա ինձ մեկնեց բոլոր ստացականները։ Իմ ստորագրած բոլոր ստացականները։ Հետո վերցրեց փոքրիկ պայուսակն ու գնաց։

Նա ներքեւ գնաց Բրոդվեյով, նույնիսկ հրաժեշտ չտալով ինձ։

Միակ բանը, որ գոյություն ուներ Էքսարի համար՝ բիզնեսն էր, եւ ուրիշ ոչինչ։ Նա նույնիսկ ետ չշրջվեց։

Միայն բիզնես։ Հաջորդ առավոտյան ես իմացա, որ նա հասցրել է մինչեւ փակվելը մտնել բանկ եւ հավաստիանալ իմ վճարունակության մեջ։ Դա որքանո՞վ ձեզ դուր կգա։ Ձեռքերս ասես թուլացել էին, ես զրկվեցի վեց հազար հարյուր հիսուն դոլարից։ Մի ինչ֊որ անծանոթի հետ խոսելու պատճառով։

Ռիկարդոն անունս դրեց Ֆաուստ։ Ես բանկից դուրս եկա գլխիս խփելով՝ զանգ տվեցի Ռիկարդոյին ու Մորիս Բառլապին, որ նրանց լենչի հրավիրեմ։ Մենք մտանք մի թանկ ռեստորան, որն ընտրել էր Ռիկարդոն, ու ես ամեն ինչ պատմեցի։

— Դու Ֆաուստ ես,— ասաց նա։

— Ի՞նչ Ֆաուստ,— հարցրի ես։— Ֆաուստն ո՞վ է։ Ի՞նչ Ֆաուստ։

Հասկանալի է, որ նա ստիպված եղավ պատմել ինձ Ֆաուստի մասին։ Միայն թե ես նոր տիպի Ֆաուստ եմ՝ քսաներորդ դարի ամերիկյան Ֆաուստ։ Մինչեւ ես՝ Ֆաուստներն ցանկացել են ամեն ինչ իմանալ, իսկ ես ցանկացել եմ տիրանալ ամեն ինչին։

— Բայց ոչ մի բանի չտիրացա,— խոսեցի ես,— ինձ խաբեցին։ Ինձ խաբեցին վեց հազար հարյուր հիսուն դոլարով։

Ռիկարդոն ծիծաղեց ու ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։

— Մարդիկ կործանվում են մետաղի պատճառով,— փնթփնթաց նա։— Մարդիկ կործանվում են մետաղի պատճառով։

— Ի՞նչ։

— Մեջբերում է, Բեռնի։ Գունոյի «Ֆաուստ» օպերայից։ Եվ, ըստ իս, համապատասխան մեջբերում է։ Մարդիկ կործանվում են մետաղի պատճառով։

Ես հայացքս փոխադրեցի Մորիս Բառլապի վրա, բայց ոչ ոք երբեւիցե չի իմանա, թե ինչ կա նրա մտքին։ Թանկարժեք թվիդից կոստյում հագած, նա այնպես խոր ու մտախոհ հայացքով էր ինձ նայում, որ այդ պահին ավելի շատ էր նման պրոֆեսորի, քան Ռիկարդոն։ Ռիկարդոն, գիտեք, շատ է պճնամոլ։

Իսկ նրանց խելքին ու հնարամտությանը ով ասես կնախանձեր։ Դրա համար էլ ես քիչ էր մնում հոգիս գրավ դնեի, բայց դե էլի նրանց բերեցի այս ռեստորանը։ Չնայած Էքսարը գրեթե սնանկացրել էր ինձ։

— Մորիս, ճիշտն ասա։ Դու նրան հասկացա՞ր։

— Իսկ ի՞նչ կա հասկանալու, Բեռնի։ Ոսկու պատճառով կործանվելու մասին մեջբերո՞ւմը։ Գուցե հենց դա էլ պատասխանն է , հը՞։

Այժմ ես նայեցի Ռիկարդոյին։ Նա վերջացնում էր սերուցքով իտալական պուդինգը։ Այդ պուդինգն այստեղ արժեր ուղիղ երկու դոլար։

— Ենթադրենք, նա եկվոր է,— ասաց Մորիս Բառլապը։— Ենթադրենք, նա հայտնվել է տիեզերքի ինչ֊որ տեղից։ Հրաշալի է։ Հարց է ծագում, թե եկվորի ինչին են պետք ամերիկյան դոլարները։ Հետաքրքիր է, թե նրանք ինչ կուրս ունեն։

— Դու ուզում ես ասել, որ նրանց հարկավոր է եղել գնումներ անել այստեղ, Երկրի վրա։

— Միանգամայն ճիշտ ես։ Բայց ի՞նչ գնումներ։ Ահա թե որն է հարցը։ Ի՞նչ էր նրան հարկավոր Երկրում։

Ռիկարդոն պուդինգի վերջը տվեց ու անձեռոցիքով սրբեց շրթունքները։

— Ես տեսնում եմ, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք, Մորիս,— ասաց նա եւ նորից գրավեց իմ ուշադրությունը։— Մենք կարող ենք ենթադրել, որ նրանց քաղաքակրթությունը գերազանցում է մերին։ Նրանք գտնում են, որ մեզ համար դեռ վաղ է իրենց մասին իմանալը։ Եվ ցանկանում են փոքրիկ, պարզունակ Երկիրը վերածել յուրօրինակ ռեզերվացիայի, ուր մոտքն արգելված է, եւ այդ արգելքը հանդգնում են խախտել միայն հանցագործները։

— Իսկ այդպիսի բարձր կազմակերպված հասարակության մեջ ինչո՞ւ են հանցագործներ լինում, Ռիկարդո։

— Օրենքներն են ծնում հանցագործներին, Բեռնի, ինչպես հավը՝ ձու։ Քաղաքակրթությունն անզոր է նրանց դեմ։ Այժմ ես սկսում եմ հասկանալ, թե ով է այդ Էքսարը։ Անկսզբունք ավանտյուրիստ, տիեզերական թափառաշրջիկ, նման այն ծովահեններին, որոնք ակոսում էին հարավային ծովերը հարյուր տարի, եւ կամ էլ շատ ավելի առաջ։ Պատկերացնենք, որ մարդատար շոգենավը խրվում է մարջանային խութերի մեջ եւ բոստոնցի մի գարշելի սրիկա ափ է իջնում եւ սկսում ապրել պրիմիտիվ, չզարգացած վայրենիների մեջ։ Հուսով եմ, որ դուք հասկանում եք, թե ինչ է տեղի ունենալու հետո։

Մորիս Բառլապը հայտարարեց, որ դեմ չի նորից բրենդի խմելուն։ Ես պատվիրեցի։ Եվ նա, ինչպես միշտ, հազիվ ժպտալով թեքվեց իմ կողմը ու մտերմաբար ասաց․

— Ռիկարդոն իրավացի է, Բեռնի։ Ապա քեզ դիր քո գնորդի տեղը։ Նա ենթարկվում է վթարի եւ ընկնում է կեղտոտ փոքրիկ մոլորակը, որին օրենքով արգելված է նույնիսկ մոտենալ։ Նա կարող է կարկատել իր նավը տեղական հինումին խլամով, բայց այդ ամենի համար պետք է վճարել։ Ամենափոքր իսկ աղմուկի, ամենափոքր իսկ թյուրիմացության դեպքում նա կարող է ընկնել Տիեզերական ոստիկանության ճանկը։ Ի՞նչ կանեիր դու նրա փոխարեն։

Այժմ ես հասկացա։

— Ես կփոխանակեի եւ առեւտուր կանեի։ Պղնձե ապարանջաններ, հուլունքներ, դոլարներ․ այն ամենը ինչ կընկներ ձեռքս եւ ինչով հնարավոր կլիներ ստանալ նրանց ապրանքները։ Ես կփոխանակեի ու այնպես առեւտուր կանեի, որ միայն շահեի։ Նույնիսկ նավիցս մի որեւէ ոչ պիտանի սարքավորում կհանեի, կծախեի, իսկ հետո նոր ապրանք կգտնեի, որը արժեք կներկայացներ նրանց համար։ Բայց այս ամենը բիզնեսի վերաբերյալ երկրային պատկերացումներ են, մարդկային պատկերացումներ։

— Բեռնի,— ասաց Ռիկարդոն,— կար ժամանակ, երբ այն տեղում, որտեղ հիմա գտնվում է ֆոնդային բիրժան, հնդկացիները կուղբի մորթին փոխանակում էին փայլփլուն պարկուճներով։ Ինչ֊որ մի բիզնես կա եւ Էքսարի աշխարհում, ես դրանում համոզված եմ, եւ մեր խոշորագույն կոնցեռնների միավորումը դրա համեմատությամբ երեխայական խաղալիք է։

— Այ քեզ բան։ Դուրս է գալիս, որ ես դատապարտված էի հենց ամենասկզբից։ Խաբեց ինձ այդ ստահակ֊սուպերմենը։ Տեսավ, որ հիմար եմ, նստեց ու քշեց։

Ռիկարդոն գլխով արեց։

— Բիզնեսմենների Մեֆիստոֆել, որը փրկություն էր որոնում երկնային շանթից։ Նրան երկու անգամ ավելի շատ էր փող հարկավոր, որպեսզի կարկատեր իր սայլը։ Դրա համար էլ նա սարքեց առեւտրի պատմության մեջ ամենաաներեւակայելի այդ օյնբազությունը։

— Ռիկարդոյի ասածներից երեւում է, ինձ հասավ Մորիս Բառլապի ձայնը,— որ քո հախից այդպես թունդ եկած մարդը մի հինգ գլուխ բարձր է քեզանից։

Թեւերս ուղղակի թուլացան։

— Ի՜նչ տարբերություն,— ասաց նա։— Քո ոտքը ձին կոխրճի, թե փիղը։ Բայց դե մեկն ու մեկը անպայման պիտի ճզմի ոտքդ։

Ես վճարեցի հաշիվը, ինքս ինձ սիրտ տվի ու դուրս եկա։ Եվ այստեղ սկսեցի խորհել, թե իրո՞ք դա այդպես է։ Նրանք երկուսն էլ մեծագույն հաճույքով Էքսարին դարձրին միջմոլորակային սրիկա։ Իհարկե, Ռիկարդոն՝ գլուխ ունի, իսկ Մորիսն էլ՝ սատանայից խորամանկ է, բայց հետո ինչ։ Գաղափարներ կան։ Իսկ փաստեր հո չկա՞ն։

Բայց ահա եւ փաստը։

Ամսվա վերջում ես ստացա չեքը, որը դուրս էի գրել Էքսարին։ Այդ չեքը փոխանցագրված էր Քարտլենդ֊ստրիթի շրջանում գտնվող մի խոշոր խանութի կողմից։ Ես գործեր էի վարում այդ խանութի հետ։ Ես գնացի այնտեղ, որ հարցուփորձ անեմ այցելուիս մասին։

Նրանք վաճառում են պահանջարկ չունեցող էլեկտրոնային սարքավորումներ։ Հենց նրանցից էլ Էքսարը գնումներ է կատարել։ Մեծ թվով տրանզիստորներ եւ տրանսֆորմատորներ, տպագրական սխեմաներ, էլեկտրոնային խողովակներ, հաղորդալարեր, գործիքներ ւե այլն եւ այլն։ Ամեն ինչ խառը, ասացին նրանք, միլիոնավոր դետալներ, որոնք անհնարին է իրար միացնել։ Նրանք մտածել են, որ Էքսարը շատ շտապ գործ ունի եւ վերցնում է այն ամենը, ինչ կարող է երբեւէ պետք գալ իրեն։ Նա ահագին փող էր տվել ապրանքը փոստով առաքելու համար՝ Հյուսիսային Կանադայում գտնվող մի ինչ֊որ կորած֊մոլորած խուլ տեղ։

Ահա այն՝ փաստը։ Ես պետք է դա ընդունեմ։ Ահա եւս մեկը։ Ինչպես ասել եմ, ես կապված էի այդ խանութի հետ։ Այս խանութի գները ամենացածրն են օկրուգում։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են նրանք այդքան էժան վաճառում։ Պատասխանը մեկն է՝ որովհետեւ էժան են գնում։ Նրանք գնում են դեն գցելու ապրանք (որակի վրա թքած ունեին), միակ բանը, որ հետաքրքրում է նրանց՝ շահույթն է։ Ես ինքս եմ նրանց վզին գցել ահագին էլեկտրոնային լոմ, որը ուրիշ ոչ մեկի վզին չէին կարողանա փաթաթել՝ խոտանված մնացորդներ․ դա նույնիսկ վտանգավոր է, եթե կուզեք իմանալ։ Դուք ձեր անպետք ապրանքը կարող եք տանել այնտեղ, եթե հույսներդ լրիվ կկտրեք նրանից օգուտ քաղելուց։

Պատկերացրի՞ք հիմա։ Ես կարմրում եմ, երբ հիշում եմ այդ մասին։

Ես տեսնում եմ, թե ինչպես է ինչ֊որ տեղ տիեզերքում թռչում Էքսարը։ Նա կարկատել է իր սայլը։ Ամեն ինչ կարգին է։ Նա էլ ավելի մեծ սխրանքների ճանապարհին է։ Շարժիչները հռնդում են, նավը առաջ է սլանում, իսկ նա ժպտում է իր կեղտոտ մռութով, հիշելով, թե ինչպես ինձ մատների վրա խաղացրեց։

Նա ծիծաղից թուլանում է։

Ու հանկարծ ականջ ծակող ճռռոց է լսվում եւ այրվածի հոտ է փչում։ Գլխավոր շարժիչի կառավարման շղթայում մեկուսացումը մաշվել է, լարերը իրար են կպել, նավը կորցնում է ղեկավարումը, եւ այստեղ իսկական դժոխք է սկսվում։ Էքսարը խուճապի է մատնվում։ Նա միացնում է օժանդակ շարժիչները։ Օժանդակ շարժիչները չեն աշխատում, գիտեք ինչո՞ւ։ Էլեկտրական հոսանք չի հասնում վակուումային խողովակներին։ Շրըխկ։ Կարճ միացում պոչի շարժիչում։ Շրըխկ։ Նավի մեջտեղում հալվում է անորակ տրանսֆորմատորը։

Եվ, ի՜նչ, մինչեւ իր ապրելու տեղը՝ միլիոնավոր մղոն կա, չորս կողմը անեզր տիեզերքն է, պահեստամասեր չկան, գործիքնները ջարդվում են դեռ ձեռք չտված, եւ կողքիդ էլ մեկը չկա, որին կարող ես խաբել։

Իսկ ես այստեղ եմ, իմ գրասենյակում, մտածում եմ նրա մասին ու քիչ է մնում ծիծաղելուց փորս պայթի։ Քանի որ հնարավոր է, նույնիսկ շատ հավանական է, որ նավի բոլոր անսարքինությունների պատճառը այն խոտանված դետալներն են եւ անորակ, դուրս գրված էլեկտրոնային սարքերը, որ ես, ինքս, Բեռնին՝ Ֆաուստ մականունով, ժամանակ առ ժամանակ ծախում եմ էժանացված ապրանքների խանութին։

Ես ուրիշ ոչ մի ցանկություն չունեմ։ Միայն թե ամեն ինչ այսպես լինի։

Ֆաո՜ւստ։ Ֆաո՜ւստ ցույց կտամ նրան։ Կստանաս մռութիդ։ Ֆաո՜ւստ։ Գլխիցդ կզրկվես Ֆաուստի պատճառով։ Ես քեզ Ֆաո՜ւստ ցույց կտամ։

Բայց ցավն այն է, որ այս ամենի մասին ես չեմ իմանա։ Սակայն մի բան հաստատ գիտեմ՝ ես միակ մարդն եմ Երկրի պատմության մեջ, ով ծախել է այս նզովյալ մոլորակը։

Ու նորից ետ է գնել։