[[Կատեգորիա:Մանկական]]
[[Կատեգորիա:Արկածային]]
==Գլուխ առաջին==
Դուք ինձ չեք ճանաչի, եթե չեք կարդացել «Թոմ Սոյերի արկածները»։ Բայց դա կարևոր չէ։ Գիրքը գրել է միստր Մարկ Տվենը և ընդհանրապես ասել է ճշմարտությունը։ Փչոց էլ կա, բայց թե իրողությունն ավելի շատ է։ Ոչինչ։ Ես երբևէ չեմ տեսել մի մարդ, որն այս կամ այն դեպքում սուտ խոսած չլինի, բացի մորաքույր Պոլիից և այրուց, մեկ էլ գուցե Մերիից։ Մորաքույր Պոլիի՝ Թոմի մորաքրոջ, Մերիի, այրի Դուգլասի մասին ամեն ինչ ասված է այս գրքում, և մեծ մասամբ ճիշտ, միայն թե որոշ չափով փչոց կա, ինչպես ասացի վերևում։
Գիրքը վերջանում է այսպես։ Թոմն ու ես գտանք այն դրամը, որ ավազակները պահել էին քարանձավում, և հարստացանք։ Ամեն մեկիս բաժին ընկավ վեց հազար դոլար, զուտ ոսկի։ Երբ դրամը կիտեցինք, ահագին բան ստացվեց։ Դատավոր Թեչըրը վերցրեց ամբողջը, բանկում պահ տվեց, և դա կլոր տարին ամեն մեկիս բերում էր օրը մեկ դոլար եկամուտ, ավելին, քան մեզ պետք էր։ Այրի Դուգլասը որդեգրեց ինձ և խոստացավ դաստիարակել։ Բայց տաժանելի էր ամբողջ ժամանակ տանը մնալ, մանավանդ, երբ տեսնում էի, թե այրին որքան խստաբարո և ճշտապահ էր ամեն բանում։ Այդ պատճառով էլ հենց որ զգացի՝ այլևս չեմ դիմանա, ծլկեցի։ Նորից նախկին ցնցոտիների մեջ էի, նորից սողոսկում էի շաքարի տակառի մեջ, ազատ էի ու գոհ։ Բայց Թոմ Սոյերն ինձ գտավ, ասաց, որ ավազակախումբ է կազմում, և որ կարող եմ միանալ այդ խմբին, եթե վերադառնամ այրու մոտ ու ինձ լավ պահեմ։ Եվ ես ետ եկա։
Այրին հուզմունքից լաց եղավ։ Ինձ անվանեց խեղճ, կորած գառնուկ և ուրիշ շատ անուններ տվեց, բայց առանց հիշաչարության։ Նա ինձ դարձյալ նոր շորեր հագցրեց, և ես, քրտնելուց բացի, ուրիշ ոչինչ չէի կարող անել։ Կարծես կաղապարի մեջ լինեի։ Նորից սկսվեց հին կյանքը։ Այրին տալիս էր ընթրիքի զանգը։ Ուշանալ չէր կարելի։ Սեղանին մոտենալիս չէր թույլատրվում անմիջապես ուտել․ պետք էր սպասել այրուն, որը կախում էր գլուխն ու մի փոքր մրթմրթում ուտելիքի վրա, թեև, իհարկե, ոչ մի պատճառ չկար։ Այսինքն՝ կերակուրը վատ չէր, միայն թե ամեն ինչ առանձին֊առանձին էր եփած։ Կերակրի մնացորդների ու տարօրինակ կտորտանքների տակառիկում դրությունը այլ է․ այնտեղ ամեն ինչ խառնվում է իրար, հյութանման բաները միանում են, և լավ է ստացվում։
Ընթրիքից հետո նա վերցրեց գիրքը, սկսեց ինձ համար կարդալ Մովսեսի ու եղեգնուտի մասին, և ես, այդ բոլորը լսելով, հետաքրքրությունից քրտնեցի։ Բայց շուտով նա անուշադրությամբ ասաց, որ Մովսեսը վաղուց, շատ վաղուց մեռել է։ Ես այլևս չմտահոգվեցի նրանով, քանի որ մեռած մարդիկ ինձ չեն հետաքրքրում։
Շուտով ծխելու ցանկություն զգացի և այրուց թույլտվություն խնդրեցի։ Բայց նա արգելեց։ Ասաց, թե դա վատ է, կեղտոտ սովորություն է, և ես պետք է աշխատեմ նման բաներ այլևս չանել։ Ա՛յ թե ինչպիսի մարդիկ են լինում։ Խառնվում են մի գործի, որից ոչինչ չեն հասկանում։ Ահա այս այրին․ մարդկանց ձանձրացնում է Մովսեսից խոսելով, երբ Մովսեսը<ref>Մովսես ― ըստ ավանդության, հրեա ժողովրդի հնադարյան առաջնորդը, որին իբրև թե մանուկ հասակում գտել են եղեգնուտում։</ref> ազգակցական ոչ մի կապ չունի իր հետ և ոչ ոքի էլ պետք չէ, քանի որ այլևս չկա, ինչպես տեսնում եք։ Ծխելն իմ կողմից հանցանք է համարում, չնայած դա ինձ դուր է գալիս։ Այնինչ ինքը քթախոտ է քաշում, և դա, իհարկե, միանգամայն ճիշտ է, որովհետև ինքն է քաշողը։
Նրա քույրը՝ միսս Ուոթսոնը, չոր ու ցամաք, ակնոցավոր մի լեդի, հենց այդ ժամանակ տեղափոոխվեց այրու մոտ՝ միասին ապրելու։ Ինչ֊որ այբբենարան ձեռքին՝ նա անմիջապես մոտեցավ ինձ ու մի ամբողջ ժամ բաց չթողեց, մինչև, ի վերջո, այրին ասաց, թե պետք է հանգստանալ։ Ես չէի էլ կարող ավելի երկար դիմանալ։ Ապա մի ամբողջ ժամ տիրեց սպանիչ տաղտկություն, և ես սկսեցի անհանգիստ շարժումներ անել։ Միսս Ուոթսոնը շարունակ ասում էր․ «Ոտքդ այդտեղ մի՛ դիր, Հեքլբերի» կամ «Այդպես մի՛ ճռճռացնի աթոռը, Հեքլբերի, ուղիղ նստիր»։ Կամ «Մի՛ հորանջիր և այդպես մի՛ ձգվիր», «Հեքլբերի, ինչո՞ւ չես կարողանում քեզ կարգին պահել։
Նա ինձ պատմեց դժոխքի մասին, ես էլ ասացի, թե երանի՜ այնտեղ լինեի։ Այս խոսքի վրա նա կատաղեց, թեև ոչ մի վատ բան մտքովս չէր անցնում․ միայն ուզում էի պրծնել այդտեղից, միայն թե փոփոխություն կատարվեր իմ կյանքում։ Իսկ թե ուր կգնայի, միևնույն էր։ Միսս Ուոթսոնն ասաց, որ անզգամություն է այդպես խոսելը, որ ինքն այդպիսի բան երբեք չէր ասի, եթե նույնիսկ ամբողջ աշխարհն իրեն տային։ Իր ասելով՝ ինքն այնպիսի կյանք է վարելու, որ դրախտ գնա։ Բայց ես մտածում էի, թե ի՞նչ նպատակ ունի գնալ այնտեղ, ուր նա է գնալու։ Ուստի ինձուինձ որոշեցի իզուր չչարչարվել։ Բայց ոչինչ չասացի․ ոչ մի լավ բան չէր կարելի սպասել, բացի անախորժությունից։
Հետո նա սկսեց իր խրատները, խոսեց, խոսեց, երկար֊բարակ պատմեց դրախտի մասին, ասաց, որ այնտեղ ոչ մի անելիք չկա, մնում է, որ ամբողջ օրը անցկացնես զբոսնելով, տավիղ նվագելով ու երգելով, և այդպես հավիտյան։ Ինձ այդ բաները շատ չէին մտահոգում, բայց ոչինչ չասացի։ Միայն հարցրի, թե իր հաշվով Թոմ Սոյերն էլ այնտեղ կգնա՞, և նա որոշակիորեն ասաց․ «Ոչ, երբե՛ք»։ Այդ պատասխանն ինձ շատ ուրախացրեց․ ուզում էի, որ ես ու Թոմը միասին լինենք։
Միսս Ուոտթսոնը շարունակեց ինձ կտցահարել, և դա ավելի ու ավելի էր ձանձրացնում։ Ինձ զգում էի մենակ ու տխուր։ Շուտով ներս կանչեցին նեգրերին և աղոթեցին։ Այնուհետև բոլորը գնացին քնելու։ Ես, մի կտոր մոմ բռնած, գնացի իմ սենյակը, մոմը դրի սեղանին։ Ապա նստեցի աթոռին, պատուհանի դիմաց և փորձեցի մտածել ուրախ բաների մասին, բայց իզուր։ Ինձ այնպես մենակ ու տխուր էի զգում, որ ուզում էի մեռնել։ Աստղերը շողում էին, անտառում ողբաձայն սոսափում էին տերևները։ Ես լսում էի հեռվից եկող բվի կռինչը․ վայում էր ինչ֊որ մեկի՝ գուցե արդեն մեռածի համար։ Խոլոմուկ թռչունը ճչում էր, իսկ մի շուն ոռնում էր կյանքի վերջին ժամերն ապրող ինչ֊որ մեկի համար։ Քամին ականջիս ինչ֊որ բան էր շշնջում․ թե ինչ, ես չէի կարող հասկանալ, բայց սառը դող էր անցնում մարմնովս։ Ապա հեռվից, անտառի խորքից, լսեցի այնպիսի մի ձայն, որը ուրվականն է հանում, երբ ուզում է հայտնել իր մտադրությունը, բայց չի կարողանում խոսել։ Այդ է պատճառը, որ չի կարողանում հանգիստ ննջել գերեզմանում և ամեն գիշեր այդպես դուրս է գալիս, թափառում ու ողբում։ Այնպե՜ս հուսալքված էի ու ահաբեկված, այնպե՜ս էի ուզում, որ մեկը մոտս լիներ, մի ընկեր ունենայի։ Հանկարծ մի սարդ վազեց ուսիս վրայով։ Ես մատներով բռնեցի ու այրեցի մոմի բոցի վրա։ Մինչև կարողացա ուշքի գալ, սարդն ամբողջությամբ կուչ եկավ, կնճռոտվեց։ Առանց մեկ ուրիշի ասելու էլ գիտեի, որ դա սարսափելի վատ նշան է և գլխիս փորձանք կբերի։ Այնպես զարհուրեցի, որ շորերս հանեցի ու դեն շպրտեցի։ Վեր կացա և երեք անգամ կրունկներիս վրա պտտվեցի, ամեն անգամ երեսս խաչակնքելով։ Մազերիցս մի փունջ կապեցի թելով՝ կախարդներին ինձնից հեռու պահելու համար, թեև դրան չէի հավատում։ Այդ կարելի է անել, երբ մեկը գտած պայտը դռան վրա ամրացնելու փոխարեն կորցնում է։ Բայց երբեք չէի լսել, թե սարդը սպանելը դժբախտությունից հեռու մնալու միջոց է։
Նորից նստեցի։ Ամբողջ մարմնով ցնցվում էի։ Վերցրի ծխամորճս․ տանը մեռելային լռություն էր տիրում, և այրին ոչինչ չէր իմանա։ Անցավ երկար ժամանակ, ապա լսեցի հեռվում քաղաքային ժամացույցի զարկերը՝ բո՛ւմ, բո՛ւմ, բո՛ւմ։ Տասներկու անգամ։ Նորից ամեն ինչ խաղաղվեց, ավելի քան երբևէ։ Շուտով մթության միջից լսեցի ներքևի ծառերից մեկի կոտրվող ճյուղի ձայնը։ Լուռ նստած՝ ունկնդրում էի։ Շուտով ականջիս հասավ հազիվ լսելի մի ձայն «մյաո՜ւ մյաո՜ւ»։ Կարծես կատու էր մլավում։ Լավ է, ասացի ու ինքս էլ կրկնեցի նույն «մյաու, մյաուն», որքան կարող էի մեղմ։ Այնուհետև հանգցրի մոմը, պատուհանից սողոսկեցի մարագը, սահեցի դուրս և սողալով հաստ ծառերին։ Անկասկած, դա Թոմ Սոյերն էր, որ ինձ էր սպասում։