«Պրագայի կամրջի տուրքը հավաքող Շտեպան Բրիխի ծառայողական պոռթկումը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Պրագայի կամրջի տուրքը հավաքող Շտեպեն Բրիխի ծառայողական պոռթկումը |հեղինակ = [[...)
(Տարբերություն չկա)

15:33, 24 Մարտի 2013-ի տարբերակ

Պրագայի կամրջի տուրքը հավաքող Շտեպեն Բրիխի ծառայողական պոռթկումը

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
աղբյուր՝ «Շաֆրանեկի-ժառանգությունը»


Յուրաքանչյուր ոք, ում երբևէ վիճակվել է ոտք դնել Պրագայի կամրջին, անտարակույս պիտի գիտակցած լինի այդ պահի ողջ կարևությունը։
Պահապանների պաշտոնական խիստ դեմքեր՝ պահակատնակների ներսում և դրսում, ճամփեզրին կանգնած արժանապատվությամբ լի ոստիկանի կերպարանքը, վերջապես աղյուսակը, ուր անկիրք ձևով նշված են ինչպես մարդկանցից, այնպես էլ անասուններից գանձվող տուրքի չափերը․ այս ամենն արդեն սրբազան երկյուղ է ներշնչում ձեզ։
Բավական է՝ փոքր-ինչ ուշադիր նայել կարգուկանոնի պահախանների անկաշառ դեմքերին, որոնց նկատմամբ անզոր է կանացի թովչանքն անգամ, և ձեր մեջ անհաղթահարելի ցանկություն է առաջանում՝ համբուրել կրեյցեր վերցնելու համար պարզած ձեռքը։
Անձնազոհ սերը, մագիստրատի նկատմամբ նվիրվածությունը և ծառայողական պոռթկումը հենց սկզբից շարժում է ձեր գորովանքը։ Սակայն, երբ դուք հիշում եք, որ տափակ գլխարկներով այդ մարդկանց պահպանում է պաշտոնատար անձնաց նկատմամբ ամեն մի ոտնձգություն պատժող օրենքը, դուք չեք դիմանա և, հանելով գլխարկը Պրագա քաղաքի անդրդվելի Բրուտոսների առջև, նրանց ափն եք խցկում կրեյցերը։
Մի ժամանակ այս Բրուտոսների մեջ աչքի էր ընկնում Շտեպան Բրիխը՝ Ֆրանց-Իոսիֆի կամրջի տուրք գանձողը։ Ինչպես բազե նա զգոն աչքերով նայում էր կամրջով անցնել ցանկացող երկյուղած քաղաքացիներին։ Բրիխը չէր ընդունում ոչ կատակ, ոչ էլ որևէ կողմնակի խոսք։ Բավական էր՝ քաղաքացիական հագուստ կրող այդ ապուշներից մեկն ու մեկը (զինվորականներից տուրք չէր գանձվում) թեկուզ քթի ծայրն անցկացներ Շտեպան Բրիխի պարզած ձեռքով նշված տարածքից, նրան արդեն չէին կարող օգնել ոչ ներողամտությունը և ոչ էլ արդարանալու փորձը։ Նա կամ պիտի վճարեր կրեյցերը, կամ էլ՝ իրեն զոհված պիտի համարեր։
Շտեպան Բրիխը ձեռքով նշան էր անում, և հերթապահ ոստիկանին ամեն ինչ հասկանալի էր դառնում։

Սա մոտենում էր՝ ձեռքը դրած ատրճանակի պատյանին, իսկ Շտեպան Բրիխը, արտաբերում էր միայն երկու բառ․ «Վերցնել նրան»։ Ոստիկանը բռնում էր զանցառուին և գործնականորեն հետաքրքրվում․ «Մարդավարի՞ պիտի անցնես, թե՞ խայտառակի»։

Սովորաբար մեղավորն ընտրում էր առաջին տարբերակը։
Ոստիկանության տեղամասում նրան խնդրում էին հանվել, ապաերկար ժամանակ խուզարկում էին, չափագրում, լուսանկարում, հարցաքննում, և վերջապես, տանում էին խուց։ Դրանից հետո մի օր, ամենաշատը՝ մի շաբաթ պարզում էին, թե տվյալ անձնավորությունը ապրում է նշված վայրում, թե նրա հաշվին արդյոք ինչ-որ մեղք չկա։
Վերջ ի վերջո կալանվածին բաց էին թողնում կամ, եթե նա բողոք չէր արտահայտել այդ օրինական գործողությունների առթիվ, ուղարկում էին Կառլովյան հրապարակի քրեական բաժին։
Այստեղից չարագործին, հետևելով փուլ առ փուլ գործելաձևին, ղրկում էին՝ ըստ բնակության վայրի։ Սա համարվում էր համեմատաբար մեղմ պատիժ այն հանցանքի դիմաց, որ դժբախտը փորձել էր գործել՝ վնաս հասցնելով Պրագայի մագիստրատի ֆինանսական բաժնին։

Եվ այս ամենին բավարարված էր նայում Պրագայի կամուրջների Մարատը՝ հարկահավաք Շտեպան Բրիխը։

Մի անգամ տուրք հավաքողի տնակին մոտեցավ մագիստրատի խորհրդական, ֆինանսական բաժնի ծառայող Պոյզլը և խնդրեց․
― Բարեկամ, թույլ տուր անվճար անցնել։ Սմիխով եմ շտապում, իսկ դրամապանակս թողել եմ տանը։
Բայց մի՞թե Շտեպան Բրիխը չէր ճանաչում իր պետին։ Ճանաչում էր, սիրում էր և հարգում, բայց ահա պետի նկատմամբ տածած սերը բախվել էր ծառայողական պարտքի հետ։
Հենց որ մագիստրատի խորհրդականն անցավ սահմանը, որ նախանշված էր Բրիխի առաջ պարզած ձեռքի ուղղությամբ, վերջինս բռնեց պարոն Պոյզլի բաճկոնի փեշը։
― Հետ եկեք կամ էլ տվեց կրեյցերը,― չոր, պաշտոնական տոնով ասաց Շտեպան Բրիխը։
― Էդ էր պակաս մնացել,― զայրացավ խորհրդականը։
Այդ ժամանակ Շտեպան Բրիխը գլխով արեց սարդի պես իր զոհին սպասող ոստիկանին, և արտաբերեց միայն երկու բառ․ «Վերցրե՛ք նրան»։
Երբ իր սովորական՝ «Մարդավարի՞, թե՞ խայտառակությամբ» պայմանից հետո, ոստիկանը խորհրդականին տարավ բանտ, մեր Բրուտոսի աչքերից արտասուքներ ցայտեցին, և Շտեպան Բրիխը կյանքում առաջին անգամ լաց եղավ։
Երկու շաբաթ անց մագիստրատի ֆինանսական բաժնի շենքում կայացավ համեստ, բայց փառահեղ մի հանդիսություն։
Նույն այդ պարոն խորհրդական Պոյզլի պահանջով (նրան այնուամենայնիվ խնայել էին և տուն ուղարկել՝ ըստ փուլի) մագիստրատը հավատարիմ ծառայության համար ՇտեպանԲրիխին պարգևատրել էր բրոնզե մեդալով։
Պարգևն ստանալուց հետո Շտեպան Բրիխն ավելի զգոն դարձավ։
Մայիսի 3-ի գիշերը նա հանգիստ կանգնած էր Ազգային թատրոնի մոտ գտնվող կամրջին։ Հանկարծ մեկը երևաց տնակի լուսամուտի մոտ և արագորեն վազեց կամրջով։
Ոստիկանը տեղ էր գնացել՝ իր պոստը թողնելով։ Հավանաբար, տեղամաս էր ուղեկցել հերթական զանցառուին։ Իրեն չկորցնելով, Շտեպան Բրիխը նետվեց սրիկայի հետևից՝ բղավելով․
― Կանգնի՛ր։ Նախ վճարի՛ր։
Անհայտ անձնավորությունը, կարծես չլսելով, սլանում էր առաջ։ Շտեպան Բրիխը հետապնդում էր նրան՝ գիշերային անդորրը խախտելով իր բղավոցով․ «Պարեկ, բռնի՛ր դրան։ Թող վճարի կրեյցերը»։ Այդպես վազելով, նրանք հասան Մալա Ստրանային, անցան Ուեզդը, Ռադեցկու հրապարակը, Վալշտեյնի փողոցը, շրջանցեցին Խոտկովի այգին։ Առջևում սնգսնգում էր հալից ընկած անծանոթը, փոքր-ինչ հեռու հևում :Շտեպան Բրիխը, որ շարունակում էր բղավել․ «Տուր կրեյցերը, թե չէ կկրակեմ»։
Նրանք արդեն հասան Դեյվիցկու դարպասին և դուրս եկան Պոդբաբի ճանապարհը։
Երբ հայտնվեց լուսինը, փախչողը հետ նաեյց ու հանկարծ տեսավ մագիստրատի ծառայողի համազգեստային տափակ գլխարկը, ծռված բերանը և դուրս պրծած աչքերը։
Մահու չափ վախեցած, նա թեքվեց դեպի գետը և, կյանքը փրկելով, իրեն գցեց ջուրը։ Եվս՝ մի ճողփյուն, և Շտեպան Բրիխը արդեն լողում էր փախստականի հետևից։
«Տո՛ւր կրեյցերը» գոչելով, տուրք հավաքողը գետի մեջտեղում ամուր բռնեց նրա շորերից։ Մեծ ալիքը ծածկեց երկուսին․․․
Երեք օր հետո Կլեցանի մոտակայքում Վլտավայից հանեցին կրքոտ ձևով գրկախառնված երկու ջրահեղձների։ Նրանցից մեկի ջղաձգված բռունցում հայտնաբերվեց մի կրեյցեր։ Դա Շտեպան Բրիխն էր, որն այնուամենայնիվ օրհասական գոտեմարտում կարողացել էր կրեյցերը հանել զոհի գրպանից։
Այդ ժամանակներից Վլտավայի ափերին Պոդբաբի և Պոդգրայի արանքում սարսափելի են գիշերները։ Հենց վրա է հասնում կեսգիշերը, ջրի խորքից լսվում է․
― Տո՛ւր կրեյցերը։
Նույնիսկ գետի հատակին չի հանդարտվում Շտեպան Բրիխիոգին։