«Հաղթանակի ճանապարհներ»–ի խմբագրումների տարբերություն
(→Գլուխ ութերորդ։ Հաղթանակ) |
չ (→Գլուխ ութերորդ։ Հաղթանակ) |
||
Տող 344. | Տող 344. | ||
Ինչպիսի՜ խորիմաստ անհեթեթություն։ Ստացվում է, որ պատերազմի պատճառները պետք է փնտրել ոչ թե իմպերիալիզմի համակարգում, այլ մարդու բնույթի մեջ, նրա բնածին ռազմատենչ հոգեբանության մեջ։ Բայց չէ որ դա պատերազմը դարձնում է հավերժ ու անխուսափելի, իսկ դրա էությունը՝ արտադասակարգային։ Սակայն իմպերիալիզմի ամբողջ արյունալի պատմոլթյունը բավական համոզչությամբ ցույց է տալիս, որ պատերազմների մեջ մեղավոր եղել և մնում է իմպերիալիզմը։ Հենց իմպերիալիզմի ագրեսիվ նպատակներն են ծնում հետադիմական քաղաքականություն, որի շարունակությունն են բազմաթիվ պատերազմներն ու կոնֆլիկտները ժողովուրդների ազատագրական շարժման դեմ։ | Ինչպիսի՜ խորիմաստ անհեթեթություն։ Ստացվում է, որ պատերազմի պատճառները պետք է փնտրել ոչ թե իմպերիալիզմի համակարգում, այլ մարդու բնույթի մեջ, նրա բնածին ռազմատենչ հոգեբանության մեջ։ Բայց չէ որ դա պատերազմը դարձնում է հավերժ ու անխուսափելի, իսկ դրա էությունը՝ արտադասակարգային։ Սակայն իմպերիալիզմի ամբողջ արյունալի պատմոլթյունը բավական համոզչությամբ ցույց է տալիս, որ պատերազմների մեջ մեղավոր եղել և մնում է իմպերիալիզմը։ Հենց իմպերիալիզմի ագրեսիվ նպատակներն են ծնում հետադիմական քաղաքականություն, որի շարունակությունն են բազմաթիվ պատերազմներն ու կոնֆլիկտները ժողովուրդների ազատագրական շարժման դեմ։ | ||
+ | |||
<small> | <small> |
00:08, 29 Մայիսի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Համազասպ Բաբաջանյան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Գլուխ առաջին։ Ամպրոպից առաջ
Գլուխ երկրորդ։ Պատերազմ
Գլուխ երրորդ։ «Ուշադրություն, տանկերը»
Գլուխ չորրորդ։ Հովեր, հասեք Ուկրաինա
Գլուխ հինգերորդ։ Բարեկամի գրկախառնությունը
Գլուխ վեցերորդ։ Նախօրյակին
Գլուխ յոթերորդ։ Առաջ... դեպի արևելք
Գլուխ ութերորդ։ Հաղթանակ
Դա մի առանձնակի գարուն էր՝ հաղթանակի նախադուռը, և այդ պատճառով էլ, հավանաբար, հոգեպարար խաղաղ բուրմունք էր արձակում։
Ապրիլի 5֊ին 1֊ին Բելոռուսական ռազմաճակատի շտաբում, որը գտնվում էր Բիոնբաում ոչ մեծ քաղաքի ծայրամասում, հավաքվել էին բանակների հրամանատարները, ռազմական խորհուրդների անդամները, շտաբի պետերը, տանկային և մեքենայացված կորպուսների հրամանատարները։ Շուտով ներս մտան մարշալ Գ. Կ. Ժուկովը, ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ Կ. Ֆ. Տելեգինը, շտաբի պետ Մ. Ս. Մալինինը։
Գ. Կ. Ժուկովը դանդաղ, ընդգծելով պահի կարևորությունը, սկսեց.
— Եղել եմ գերագույնի մոտ։ Այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ ստիպված եղա անհապաղ ձեզ կանչել։ Առաջ մենք ենթադրում էինք, թե Բեռլինյան օպերացիան կսկսվի... մի քիչ ուշ...
Մարշալը հազաց, մի պահ լռեց և բացատրեց, որ այժմ ժամկետները փոխվում են։ Մեզ շտապեցնում են դաշնակիցներն իրենց ամենևին էլ ոչ այնքան դաշնակցային վարքով։ Արագ վերջ տալով հակառակորդի ռուրյան խմբավորմանը, նրանք մտադրվել են հարձակվել Լայպցիգի, Դրեզդենի վրա, իսկ հետն էլ «միաժամանակ» զավթել Բեռլինը։ Կարծես ամեն ինչ արվում է, իբր, կարմիր բանակին օգնելու համար։ Բայց ռազմակայանին հավաստի հայտնի է, որ նրանց հարձակման իսկական նպատակը Բեռլինի գրավումն է մինչև սովետական զորքերի մոտենալը։ Ռազմակայանին հայտնի է նաև, որ Բեռլին նետելու համար շտապ պատրաստվում է երկու օդադեսանտային դիվիզիա։ Դա, ինչպես երևում է, միանգամայն ձեռնտու է հիտլերականներին։ Նրանք մեզ համառ դիմադրություն են ցույց տալիս ամեն մի բնակավայրում։ Իսկ Արևմտյան ռազմաճակատում խոշոր քաղաքները հանձնում են հեռախոսով։
— Այս ամենը ռազմակայանին ստիպում է շտապել,— ամփոփեց Ժոլկովը։— Ինչ վերաբերում է հարձակման ճշգրիտ ամսաթվին, այդ մասին կասեմ ավելի ուշ։ Իսկ այժմ ձեռնամուխ լինենք առաջիկա խնդիրների ուսումնասիրությանը։
Մի կողմ քաշեցին փոքրիկ վարագույրը և մեր առջև բացվեց քարտեզը, որն ամբողջովին նախշված էր լճաբծերով, ոռոգման կառույցների երակներով։ Հստակ նշված էին գերմանական պաշտպանության գոտիները՝ Օդերից մինչև Զեելովի բարձունքները դրանք 15-20 կիլոմետր հեռավորությամբ ձգվում էին մեկը մյուսի հետևից։
Ահա և քաշված է երկրորդ փոքր վարագույրը՝ բացվեց Բեռլինի ռելիեֆային քարտեզը։ Դրա վրա ցույց էր տրված ամեն ինչ՝ փողոցները, տները, ամրությունները, փլվածքները, դոտերը, նույնիսկ ռմբակոծություններից ավերված թաղամասերը։ Կարևորագույն շենքերի վրա փակցված էին համարակալված պիտակներ։ Դա քարտեզագրության մի իսկական գլուխգործոց էր։ Հետո մեր շտաբին հաջողվեց պատճենահանել այդ քարտեզը, և այն մեզ շատ օգնեց Բեռլինի գրոհի ժամանակ։
— Խնդրում եմ ուշադրություն դարձնել համար հարյուր հինգ օբյեկտի վրա,— ցուցափայտի ծայրը մարշալը հպեց խոշոր քառանկյունուն։— Սա էլ հենց ռայխստագն է։ Ո՞վ առաջինը կմտնի այնտեղ։ Կատուկո՞վը, Չույկո՞վը։ Իսկ գուցե, Բոգդանո՞վը, կամ Բերզարի՞նը։— Մարշալը շրջվում է մերթ դեպի մեկ, մերթ մյուս գեներալը։ Պատասխանի չսպասելով, շարունակում է,— իսկ այս համար հարյուր վեցը կայսերական գրասենյակն է...
Այդպես մեր առջև մեկը մյուսի հետևից պատկերացան մեր ապագա գրոհի օբյեկտները...
Իսկ բուն Բեռլինում այդ պահին քաոս էր։ Ֆաշիստական Գերմանիայի բարձրագույն շրջաններին համակել էր անհամաձայնությունը, որ ծնվել էր իրենց կատարած բոլոր չարագործությունների համար առաջիկա հատուցման վախից։ Հիտլերը համընդհանուր զորահավաք հայտարարեց՝ զինակոչվում էին ծերերը, համշանդամները և անբեղ պատանիները։ Գերմանական պրոպագանդան օրավուր ավելի էր հմտանում այն «սարսափների» նկարագրության մեջ, որ սպասվում էին բեռլինցիներին, եթե այնտեղ մտնեին ռուսները։
Գուդերիանը և ռայխսմինիստր Շպեերը Ռիբենտրոպին ու Հիմլերին համոզում էին միջազգային ուղիներով՝ չեզոք պետությունների միջոցով, քաղաքական ելք գտնելու փորձ անել. ռուսների թիկունքում պայմանավորվել դաշնակիցների հետ և հասնել «պատվավոր հաշտության»։ Սովետական դիվանագիտությունը ժամանակին կռահեց նյութվող խարդավանքը։ Եվ արդեն ոչինչ չէր կարող ֆաշիստական պարագլուխներին փրկել հատուցումից։
Իսկապես, Օդեր-Նայսե բնագծում կենտրոնացվել էին մեր երեք՝ 1֊ին և 2֊րդ Բելոռուսական և 1֊ին Ուկրաինական ռազմաճակատների խոշոր խմբավորումները, որոնց կազմում էին չորս տանկային բանակ և բազում առանձին տանկային ու մեքենայացված կորպուսներ, վիթխարի քանակությամբ հրետանի ու ավիացիա։ Մենք ուժեղ էինք, քան երբեք։
Բայց մեր առջև դրված էր ամենևին էլ ոչ հեշտ խնդիր։ Հակառակորդը բեռլինյան ուղղությունում, և առանձնապես Կյուստրին-Բեռլին ուղղությունում, որտեղ սպասվում էր սովետական զորքերի գլխավոր հարվածը, ստեղծել էր պաշտպանության օպերատիվ֊տակտիկական բարձր խտություններ։ Պատրաստված պաշտպանական բոլոր գոտիները վաղօրոք զբաղեցրել էին թշնամական զորամասերը։ Հզոր և տևական պաշտպանություն ստեղծելու գործում հակառակորդին որքան կարելի է լավ էր նպաստում Բրանդենբուրգյան հարթության ալիքաձև տեղանքը, որը համարյա ամբողջովին անտառապատ էր, կտրտված անհամար գետերով, գետակներով, ջրանցքներով, մեծ ու փոքր լճերով և որտեղ տասնյակ ու հարյուրավոր բնակավայրեր կային։
Գ. Կ. Ժուկովի մոտ կայացած խորհրդակցությունում մենք իմացանք առաջիկա օպերացիայի հիմնական մտահղացումը։
Գլխավոր հարվածը կյուստրինյան հենակետից պետք է հասցնեին հինգ համազորային և երկու տանկային բանակներ։ Համազորային բանակները ճեղքում են հակառակորդի պաշտպանության տակտիկական գոտին, նպաստավոր պայմաններ ստեղծում տանկային բանակները գործողության մեջ դնելու համար։ Վերջիններս, գործելով ռազմաճակատի հարվածային խմբավորման թևերում, ասպարեզ են ստանում մանևրելու և շեշտակիորեն թշնամու թիկունք ներխուժելու համար, դրանով իսկ իրենց հերթին ստեղծում են բարենպաստ պայմաններ համազորային բանակների հաջող հարձակման համար։ Տանկային բանակները հյուսիսից ու հարավից շրջանցում են Բեռլինը և 1-ին Ուկրաինական ռազմաճակատի զորքերի հետ համատեղ փակում շրջապատման օղակը Պոտսդամի և Բրանդենբուրգի շրջանում։ Դժբախտաբար, դա մեր 1-ին գվարդիական տանկային բանակին չէր վերաբերում։
Պետք է ասել, որ դեռևս ապրիլի 5-ին ռազմաճակատի շտաբում կայացած խորհրդակցության ժամանակ 2-րդ գվարդիական տանկային բանակի հրամանատար, բանակի գեներալ Ս. Ի. Բոգդանովը համառորեն ապացուցում էր Գ. Կ. Ժուկովին, որ պետք է ավելի շատ ազատություն տալ իր բանակին՝ Բեռլինը հյուսիսից է՛լ ավելի խոր շրջանցելու համար։ Բայց Գ. Կ. Ժուկովը զսպեց բանակի հրամանատարին։
— Ընկեր Բոգդանով, դուք պատրաստվում եք Բեռլինի համար կռվե՞լ, թե պետք է անընդհատ հեռանաք դեպի հյուսիս։
Բայց եթե 2֊րդ գվարդիական տանկային բանակին, այնուամենայնիվ, հաջողվեց Բեռլինի թիկունքը մտնելու հեռավոր և չափազանց արդյունավետ զորաշարժ կատարել, ապա 1-ին գվարդիական տանկային բանակին չվիճակվեց իրագործել նման զորաշարժ։ Ինչո՞ւ։ Այդ մասին կասեմ ստորև, իսկ այժմ կշարունակեմ հայրենական մեծ պատերազմի եզրափակիչ ճակատամարտի նկարագրությունը։
Ապրիլի 15֊ին, հենց որ մթնշաղը սկսեց իջնել, 1-ին գվարդիական տանկային բանակը տեղից հանվեց և գիշերային մթության քողի տակ շարժվեց դեպի Օդեր։ Կարծես դիտմամբ գիշերը աստղալից էր, պարզ։ Երկնքում լսվում էր թշնամական ռմբակոծիչների հռնդյունը, այն հատում էին լուսարձակների նետերը, մերթ այստեղ, մերթ այնտեղ բռնկվում էին զենիթային արկերի պայթյունները։
Գիշերվա կեսը անցել էր, երբ մեր առաջավոր ջոկատները մոտեցան Օդերի անցուղիներին։ Մյուս կողմից լսվող հազվադեպ կրակոցները վկայում էին, որ թշնամին անհանգստանում է, հոտն առել է, որ ուր որ է սկսվելու է։
Եվ սկսվեց։ Ապրիլի 16֊ի հիշարժան գիշերը հանկարծ ծվատվեց բազմագույն հետագիծ թողնող պայթյուններից, գվվաց, գողաց գետինը։ Որոտացին հաուբիցները, ոռնացին էռէսները՝ «կատյուշաները»։ Սկսվեց հրետանային ու ավիացիոն հզոր նախապատրաստությունը։ Երբ մեր ականջները մի քիչ վարժվեցին այդ դժոխային որոտին, կարելի էր զանազանել գլխավոր հրամանատարության ռեզերվի հեռահար հրանոթների թնդացող կրակոցները։
Շունչները պահած զինվորներն ու սպաները լսում էին աղմուկը այդ։ Այստեղ վետերաններ կային, որոնք լսել էին մոսկովյան, ստալինգրադյան, կուրսկյան հրանոթաձգությունը։ Բայց այն, ինչ կատարվում էր հիմա, մենք չէինք կարող համեմատել ոչ մի բանի հետ։
Միայն հրաշքը կարող էր փրկել Հիտլերին և նրա կամակատարներին, և նրանք սպասում էին հրաշքի, ինչպես վկայում են պատմաբանները։ Բայց, ինչպես հայտնի է, հրաշքներ չեն լինում։
Ապրիլի 16-ին, հենց որ վերջացավ հրետանային և ավիացիոն նախապատրաստությունը, 1-ին Բելոռուսական ռազմաճակատի զորքերը նետվեցին վճռական հարձակման։ Հենակետի ամբողջ երկայնքով գրոհեցին հակառակորդի վրա, ճեղքեցին նրա պաշտպանության առաջին գոտին, արագ հասան երկրորդ գոտուն, որն անցնում էր զեելովյան բարձունքներով, բայց այստեղ նրանց կանգնեցրեց հակառակորդի ուժեղ կազմակերպված կրակը։
Զեելովյան բարձունքներն իշխում են մերձօդերյան ցածրավայրի վրա, դա շատ լուրջ բնագիծ է Բեռլինի ճանապարհին։ 8֊րդ գվարդիական բանակի զորքերը՝ հետևակը, հրետանին, նրան տրված տանկերը, կուտակվել էին բարձունքների ստորոտում և անզոր էին առաջ շարժվել։
Հիշում եմ, դեռևս ապրիլի 5֊ի խորհրդակցությունում մեր որոշ գեներալներ ռազմաճակատի հրամանատարին համառորեն ապացուցում էին, որ գլխավորը հակառակորդի պաշտպանության ոչ թե առաջին գոտին է, այլ երկրորդը, որն անցնում է զեելովյան բարձունքներով, որ ոչ թե առաջին, այլ երկրորդ գոտու վրա պիտի կենտրոնացնել հրետանու և ավիացիայի կրակը։ Սակայն նրանց այդ կարծիքը հաշվի չառնվեց։
«Այժմ, շատ ժամանակ անց,— գրում է Գ. Կ. Ժուկովը,— խորհելով Բեռլինի օպերացիայի պլանի մասին, ես եկել եմ այն հետևության, որ հակառակորդի բեռլինյան խմբավորման ջախջախումը և Բեռլինի գրավումը... Կարելի էր իրականացնել փոքր֊ինչ այլ կերպ...»։
Անձամբ գտնվելով 8֊րդ գվարդիական բանակի հրամանատարական կետում, ռազմաճակատի հրամանատար, մարշալ Գ. Կ. Ժուկովը, համոզվելով, որ այդ բանակի զորքերն իրենք չեն կարող մինչև վերջ ճեղքել հակառակորդի տակտիկական պաշտպանությունն ամբողջ խորությամբ և որ հետագա դանդաղումը կարող է ձախողել ամբողջ օպերացիան, 8֊րդ բանաԿԻ տեղամասում գործի դրեց 1-ին տանկային բանակը։
Իսկ ապրիլի լույս 18-ի գիշերը, երբ հակառակորդի պաշտպանության երկրորդ գոտին արդեն ճեղքվել էր 25 կիլոմետր խորությամբ, և մեր զորքերը շարունակում էին հարձակումը, իմ հրամկետ եկավ գեներալ Ն. Ի. Գերկոն և հաղորդեց, որ ես ու նա միասին պետք է հետ գնանք Զեելով քաղաք, մասնակցելու ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ Կ. Ֆ. Տելեգինի մոտ կայանալիք խորհրդակցությանը։
— Հիմա՞։
— Այս րոպեին։
Ես զարմացա. հակառակորդի կատաղի հակագրոհների հետ մղման թեժ պահին թողնել զորքը և գնալ ինչ-որ տեղ խորհրդակցությա՞ն։ Ն. Ի. Գերկոն ի պատասխան ուսերը թոթվեց. «Հրամանը հրաման է...»։
Ռումբերով և արկերով հերկված ճանապարհով ուշ գիշերին մենք հասանք Զեելովի ավերակներին։ Այն գրոհներից հետո, որոնց ենթարկվել էր այդ քաղաքր, զարմանալի կլիներ, եթե այնտեղ որևէ բան անվնաս մնար։ Փողոցներն անանցանելի էին. քանդված տների ավերակների կույտեր, սալահատակի քարուքանդ եղած քարեր։ Հազիվհազ գտանք հրաշքով պահպանված այն տունը, որտեղ տեղի էր ունենում խորհրդակցությունը։
Կանթեղի երերուն լույսը լուսավորում էր հավաքվածների դեմքերը։ Սեղանի մոտ, կենտրոնում, նստել էր Կ. Ֆ. Տելեգինը, նրա դեմքը խիստ էր, բայց զգացվում էր, որ տրամադրությունը շատ վատ է։
Ներկաների վերջին խոսքերից ես ու Ն. Ի. Գերկոն հասկացանք, որ «քննարկվում» է զեելովյան բարձունքների մոտ հարձակումը դանդաղեցնելու հարցը։ Ես Կոնստանտին Ֆյոդորովիչին ճանաչում էի դեռևս քառասուներկուսի աշնանից։ Եղել էին դժվար ժամանակներ, բայց Տելեգինն ինձ համար միշտ մնում էր կուսակցական սկզբունքայնության, ընդգծված քաղաքավարության օրինակ, և ինչ-որ բանով հիշեցնում չապաևյան դիվիզիայի կոմիսարին։ Եվ հանկարծ... անկասկած, Կոնստանտին Ֆյոդորովիչին էլ էին ուժեղ հանդիմանել զեելովյան բարձունքների մոտ հապաղելու համար...
Նկատեցի, որ ռազմական խորհրդի անդամի առջև կանգնած հրամանատարների մեծ մասը տանկիստներ են։ Կարծես թե տանկիստներն են մեղավոր, որ նրանց համար գործողությունների ասպարեզ չեն ապահովել։
Միայն կեսգիշերից հետո, վերջապես, հնարավորություն ստացանք մեկնելու մեր զորամասերը, որոնք մարտեր էին մղում կատաղի հակառակորդի դեմ։ Բոլորս միասին լռություն պահպանելով, գնում ենք առաջավոր գիծ։ Ահա և մեր հրամկետը անտառում, բարձունքի հետևում։ Դեսուդեն են գնում կապի սպաների զրահապատ մեքենաները։ Մեզ դիմավորում է կորպուսի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Ն. Ի. Լեբեդևը, զեկուցում իրադրությունը։
Լուսանում է։ Մահու չափ քնել եմ ուզում. երրորդ օրն է աչք չենք փակել։ Հոգատար Ն. Ի. Լեբեդևը խորհուրդ է տալիս մի կես ժամ «զինվորի նման թինկ տված քնել»։
Բայց ինչ քնել, ինչ բան։ Հազիվ էր լույսը բացվել, նորից ռազմաճակատով մեկ թնդաց հրանոթաձգությունը, հռնդացին տանկերը, որոնք 8֊րդ գվարդիական բանակի զորամասերի հետ գրոհի գնացին թշնամու դիրքերի վրա։ Տեղանքը նպաստում է հակառակորդի պաշտպանության կազմակերպմանը՝ դժվարացնում է խոշոր տանկային զանգվածների հարձակումը։ Բայց ինչ կարող էինք անել։ Պտույտներ գործելով լճերի, թշնամու դիմադրության հենակետերի և հանգույցների միջև, մեր տանկային բանակը հետևազորի հետ առաջ էր շարժվում։
Առաջին գվարդիական տանկային բանակը զգալի կորուստներ կրեց Բեռլինի օպերացիայի առաջին իսկ օրերին։ Այն միտքը, որ հակառակորդի տակտիկական պաշտպանության գոտում տանկային բանակները գործողոլթյան մեջ դնելը հազվադեպ է նպատակահարմար և միշտ էլ անցանկալի է, կրկին հաստատվեց, թեև «անհրաժեշտ է ընդգծել,— ինչպես գրում է իր հուշերում մարշալ Գ. Կ. Ժուկովը,— 1-ին Բելոռուսական ռազմաճակատի 1-ին գվարդիական տանկային բանակի զգալի դերը...»։
Տանկային խոշոր ուժերի առավել արդյունավետ օգտագործման օրինակ դարձան նույն Բեռլինյան օպերացիայում գեներալներ Պ. Ս. Ռիբալկոյի և Դ. Դ. Լելյուշենկոյի 3-րդ և 4-րդ գվարդիական տանկային բանակների գործողությունները։ Կատարելով փայլուն զորաշարժ, 1-ին Ուկրաինական ռազմաճակատի այդ բանակները շատ կարճ ժամանակամիջոցում հաղթահարեցին հսկայական տարածություն և մոտեցան Բեռլինին, պաշարեցին հարավից և հարավ-արևմուտքից։
Զեելովյան բարձունքներում ճնշելով հակառակորդի պաշտպանությունը, մեր զորքերը կանգ առան Բեռլինի պաշտպանության երրորդ՝ Մյունխեբերգ—Դիդերսդորֆ գոտու առջև։ Հեշտ չէր բեռլինյան տքնությունը։
Այդ բնագծի ճեղքումը համատեղ կազմակերպելու համար ես կորպուսի մի խումբ սպաների հետ գնացի իմ հին ծանոթ, գեներալ Ա. Դ. Շեմենկովի 29-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրամկետ։ Սրա շտաբը տեղավորված էր պրուսական ինչ-որ բարոնի հինավուրց դղյակում։ Այնտեղ ամեն ինչ բուրում էր հնությամբ՝ գոթական սրածայր տանիքները, զանգվածեղ կաղնեփայտե դռներն ու պատուհանների շրջանակները, դղյակի քարե հաստ պատերը, ծառուղիներով և լճակներով հին զբոսայգին...
Մենք կանգ առանք դղյակի դահլիճներից մեկում։ Դա գրադարանն էր. հին կազմերով գրքերը դասավորված էին մինչև առաստաղ։ Մեզ ընդառաջ դուրս եկավ սովետական փոխգնդապետի ուսադիրներով մի նիհար, ալեխառն մազերով մարդ, ներկայացավ։ Ավաղ, նրա ազգանունը այժմ չեմ հիշում։ Նա բացատրեց, որ գրադարանը գին չունի և ինքը Լենինգրադից հատուկ ժամանել է, որպեսզի պահպանի այդ թանկարժեք գրքերը։
Վերջապես, անցնելով դահլիճների շարանը, հասանք այն սենյակը, որտեղ աշխատում էր հրաձգային կորպուսի շտաբը։
Ա. Դ. Շեմենկովը հաղորդեց ինձ, որ հրամանով նախատեսված ժամկետին՝ առավոտյան ժամը ութին, հարձակումը սկսել չի կարող և այն փոխում է ժամը 9-00-ին։
— Բայց այդ դեպքում հարկավոր է զեկուցել բանակի հրամանատար Չույկովին։
Սակայն իմ հորդորները հաջողություն չունեցան։ Հրաձգային կորպուսը պատրաստվում էր ճեղքումը սկսել միայն ժամը իննին։
Վաղ առավոտյան հայտնվեցին Վ. Ի. Չույկովը և Մ. Ե. Կատուկովը։
— Զորքերը պատրա՞ստ են, արդյոք, սկսելու ճեղքումը,— հարցրեց Վ. Ի. Չույկովը։
Ա. Դ. Շեմենկովը սկսեց պատճառաբանել, թե ինչու է հարձակման ժամը փոխել։
— Ինչպես թե՝ «փոխել»,— գոռաց Վ. Ի. Չույկովը։ Թե ինչ տեղի ունեցավ հրաձգային կորպուսի հրամկետում հետո, ես չգիտեմ, որովհետև Մ. Ե. Կատուկովն ինձ կիսաձայն ասաց.
— Այստեղ դու անելիք չունես, շուտ գնազորամաս՝ հրամանը պետք է կատարվի ժամանակին։
Այո, հրամանը հրաման է։ Եվ հրամանատարի օպերատիվ-տակտիկական ստեղծագործությունը չպետք է հակասի հրամանին։ Այդպիսին է ռազմական արվեստի էությունը։
Գլխապատառ սլանալով իմ զորամասը, տվեցի անհրաժեշտ հրամաններ, և տանկերն իրենց հրանոթներից ուղիղ նշանառությամբ հինգ համազարկ տվեցին հակառակորդի վրա և նետվեցին գրոհի, պատռելով պաշտպանության գիծը։ Առաջացած բացվածքի մեջ հոծ հոսանքով սլացավ մեր տանկերի և 29֊րդ գվարդիական հրաձգային կորպուսի հետևազորի հեղեղը։
Զարգացնելով հարձակումը, գվարդիական բրիգադները՝ գնդապետ Ի. Ի. Գուսակովսկու 44֊րդ տանկայինը և գնդապետ Կ. Կ. Ֆեդորովիչի 27-րդ մոտոհրաձգայինը, դուրս եկան բեռլինյան ավտոմայրուղու օղակի մոտ։ Բեռլինի «օղակաձև» մայրուղին մեր ձեռքում էր։
Ապրիլի 20֊ին հեռագիր ստացվեց. «Կատուկովին, Պոպելին, 1֊ին գվարդիական տանկային բանակին հանձնարարվում է պատմական խնդիր. առաջինը ներխուժել Բեռլին և բարձրացնել հաղթանակի դրոշր։ Անձամբ ձեզ է հանձնարարվում կազմակերպումը և կատարումը։ Յուրաքանչյուր կորպուսից մեկական լավագույն բրիգադ ուղարկեք Բեռլին և նրանց առջև խնդիր դրեք ապրիլի 21-ին ժամը 4:00֊ից ոչ ուշ ամեն գնով ճեղքել-հասնել Բեռլինի ծայրամասը և անհապաղ հայտնել՝ ընկեր Ստալինին զեկուցելու և մամուլում հրապարակելու համար։ Ժուկով, Տելեգին»։
Մեզ երկակի զգացում համակեց, երբ կարդացինք այդ հեռագիրը։ Մի կողմից, անչափ ուրախություն ու հպարտություն այն բանի համար, որ հենց մեզ է հանձնարարվում այդքան պատվավոր առաջադրանքը, մյուս կողմից, դառնություն, որ հեռագիրը կարծես օրինականացնում էր մեր տանկային բանակների օգտագործումը որպես համազորային միավորման զորամասեր։ Մենք չէինք կարող չիմանալ, թե ինչ է սպասում այն տանկային բանակին, որը դատապարտված է փողոցային մարտեր մղել, շարժման մեջ կաշկանդված, խոցելի լինել վիթխարի շենքերի արանքում, նեղ նրբանցքներում, որտեղ յուրաքանչյուր ենթաբակից, պատուհանից և տանիքից տանկի վրա կարող է տեղալ դյուրավառ հեղուկով լի հասարակ շշերի կործանարար կրակը։
Բայց հպարտության զգացումը հաղթեց։ Կատակ բան չէր՝ մտնում ենք Բեռլին։ Արդեն ապրիլի 21֊ին 29֊րդ գվարդիական հրաձգային կորպուսի զորամասերի հետ մենք ներխուժեցինք գերմանական մայրաքաղաքի արվարձանը։
Տանկերը սլանում են առաջ։ Տարածությունը մինչև նվիրական նպատակը կրճատվում է, իսկ պայքարը գնալով դառնում է ավելի կատաղի։ Բեռլինյան նեղ փողոցները հնարավորություն չեն տալիս ահեղ մեքենաների մարտական հատկությունները լրիվ օգտագործել։ Պատուհաններից ու տանիքներից դրանց սպառնում էին ոչ թե դյուրավառ հեղուկով լի շշերը, այլ ավելի սարսափելի մի բան՝ ֆաուստփամփուշտները։
Հիտլերյան հանցախումբը ձեռնարկում էր հուսահատ ճիգեր, որպեսզի հետաձգի անողոքորեն մոտեցող հատուցումը։ Գերմանական զինված ուժերին ուղղված Հիտլերի հատուկ հրամանում ասվում էր. «Ով ձեզ նահանջի հրաման տա, ենթակա է, եթե դուք նրան չեք ճանաչում դեմքով, անհապաղ ձերբակալման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գնդակահարության՝ անկախ կոչումից»։ Գրոհի այն օրերին ես մտածում էի, թե թշնամու զինվորները և միջին օղակի սպաները խաբված են այնքան, որ անզոր են կանգ առնելու։ Բայց ահա պատերազմից հետո շատ տարիներ անց, կարդալով վերմախտի բարձրագույն պետերի հուշերը, ես հասկացա, թե ինչքան խոր է թունավորված եղել գերմանական հասարակության բոլոր խավերի գիտակցությունը։ «Մենք զինվորներ գարձանք,— գրում է Հ. Գուդերիանը,— որպեսզի պաշտպանենք հայրենիքը և որպեսզի մեր երիտասարդությունից պատրաստենք ազնիվ և զենքը ձեռքին իր երկիրը պաշտպանելու ընդունակ մարդիկ, և մենք սիրով էինք կատարում այդ մեր պարտականությունը։ Մենք համարում էինք, որ ռազմական ծառայությունը մեզ համար բարձր պարտքի կատարում է, որը հիմնված է իր ժողովրդի ու իր երկրի նկատմամբ սիրո վրա»։
Նրանք «պաշտպանում էին իրենց երկիրը»՝ օկուպացրին Ավստրիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը, Բելգիան, Հունաստանը, Հարավսլավիան, Նորվեգիան Դանիան. բավական չէ՞, արդյոք, այս թվարկումը արդեն իսկ չառարկելու համար այդ բացահայտ երեսպաշտության դեմ։
«Իր ժողովրդի նկատմամբ» այդ «սերն» էր առաջնորդո՞ւմ նրանց, երբ նրանք փորձում էին Օսվենցիմի և Մայդանեկի վառարաններ ուղարկել մյուս ժողովուրդներին։
Թվում է, թե մանկիկի համար էլ պարզ էր, որ վերջը եկել է, հետագա դիմադրությունն անհեթեթություն է, ավելորդ արյունահեղություն։ Բայց ոչ, հիտլերյան հրամաններին բթամտորեն ենթարկվելը և դատապարտվածների կույր մոլեռանդությունը սահման չեն ճանաչում։
Տների պատերին սպիտակ ներկով ռուսերեն գրված է. «Բեռլինը կլինի գերմանական»։ Մերոնցից մեկը կավճով ավելացրել էր. «Ճիշտ է, բայց առանց ֆաշիստների»։
Բեռլինը շրջապատված է։ Թշնամու երեքհարյուրհազարանոց խմբավորումը «կաթսայի» մեջ է։ Հյուսիս-արևելքից՝ 2-րդ գվարդիական տանկային բանակն էր և 3-րդ հարվածային բանակը, Արևելքից՝ 11֊րդ առանձին տանկային կորպուսը և 5֊րդ հարվածային բանակը։ Արևմուտքում 47-րդ բանակի զորամասերը և 9֊րդ գվարդիական տանկային կորպուսը գրավեցին Նաուեն քաղաքը, իսկ ապրիլի 24-ին միացան հարավից ճեղքած-անցած 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 4֊րդ գվարդիական տանկային բանակի հետ։ Հարավ-արևելքում 8-րդ և 1-ին գվարդիական տանկային բանակների զորամասերը և վրա հասած 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 3-րդ գվարդիական լուսնկային ու 28֊րդ բանակներն արդեն փողոցային մարտեր էին մղում բուն Բեռլինում։
Ահա նա՝ Բեռլինը։ Ավաղ, մենք ճարտարապետական գեղեցկություններով հիանալու ժամանակ չունենք։ Իսկ չէ որ այստեղ մոտերքում Բեռլինի համալսարանն է, որտեղ սովորել են Մարքսը և Էնգելսը, որտեղ պրոֆեսոր է եղել Ալբերտ Էյնշտեյնը։
Իսկ այս հրապարակներում հարբած ամբոխները կատաղի ցնծում էին Վիեննայի, Պրագայի, Վարշավայի, Հաագայի, Բրյուսելի, Փարիզի անկման առթիվ... Այստեղ, Բեռլինում է աճեցվել ու սնուցվել գերմանական ֆաշիզմը։
Բայց չէ որ ուրիշ բան էլ է եղել այստեղ, Բեռլինում՝ Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լյուքսեմբուրգը հռչակել են գերմանական կոմկուսի հիմնադրումը, այստեղ հնչել են ռայխստագում կոմունիստների դեպուտատ Էռնստ Թելմանի ճառերը։
Եղել է։ Եղել է համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկը։ Եվ եղել կեռախաչավոր թևկապներով վայրենիների պարը գրքերից պատրաստված խարույկների շուրջը։ Խաբված է եղել մի ամբողջ ժողովուրդ, որի աչքերը պետք է բացվեին։
Արևմտագերմանացի պատմաբան Յու. Թորվալդն իր «Վերջը Էլբայի վրա» գրքում գրում է. «...Ապրիլի 21-ին, երբ մարշալ Ժուկովի զորքերի ճեղքումը դեպի Բեռլին դարձավ ակնհայտ և երբ քաղաքի փողոցներում երևացին խուճապահար փախստականները արևելքից... Գեբելսն առաջին անգամ կորցրեց ինքնատիրապետումը։ Ժամը 11-ին շչակների գվվոցի տակ, որոնք ազդարարում էին տանկային սպառնալիքի մասին, նրա առանձնատան կինոդահլիճում հերթական խորհրդակցության հավաքվեցին նրա աշխատակիցները... Գեբելսի դեմքը մահու չափ գունատ էր... Առաջին անգամ նա խոստովանեց, որ վերջը եկել է... նրա ներքին լարվածությունը վերածվել էր ատելության ահավոր նոպայի... «Գերմանական ժողովո՜ւրդը,— գոռում էր նա,— գերմանական ժողովո՜ւրդը։ Ինչ կարելի է անել այդպիսի ժողովրդին, եթե նա չի ուզում կռվել... Նացիոնալ֊սոցիալիզմի բոլոր պլանները, նրա գաղափարները և նպատակները չափազանց վեհ, չափազանց ազնիվ էին այդ ժողովրդի համար։ Նա շատ էր վախկոտ և չկարողացավ դրանք իրագործել։ Արևելքում նա փախչում է։ Արևմուտքում նա զինվորներին թույլ չի տալիս կռվել և թշնամուն դիմավորում է սպիտակ դրոշներով։ Գերմանական ժողովուրդն արժանի է իրեն սպասվող բախտին...»։
Այդպես էին նրանք դավաճանում այն ժողովրդին, որին առաջներում կարողացել էին խաբել։ Բայց պատժող աջը արդեն իջեցվել էր հիտլերյան ռայխի ղեկավարների գլխին։
Բեռլինի փողոցներում ու հրապարակներում մարտեր են գնում։ Մեր մարտիկներն ամենուրեք՝ հարկերում, նկուղներում, ձեղնահարկերում, նեղում են թշնամուն։ Տանկերը, անընդհատ կրակելով, դանդաղ սողում են փողոցներով։ Սակրավորները չեն հասցնում ականազերծել սալահատակները, վերացնել կապանները։ Արդեն գրավված էին շատ փողոցներ, քաղաքի կարևոր խոշոր կառույցներ։ Այդպիսի մի վիթխարի սյունազարդ, տպավորիչ ճակատամասով շենքում, որի առջև պուրակ էր գցված, գնդապետ Ն. Գ. Վեդենիչևի համառ պահանջով, որը թուլություն ուներ արվեստի, հատկապես ճարտարապետության նկատմամբ, մենք տեղավորեցինք կորպուսի շտաբը։
Եկավ մեր բանակի հրամանատար, գեներալ Մ. Ե. Կատուկովը։ Կովկասյան հյուրասիրության բոլոր կանոններով հրամանատարին հրավիրում եմ ներս մտնել մեր «շքասենյակները», իսկ նա, ամենևին էլ չգնահատելով իմ այդ հյուրասիրությունը, մեջքով շրջվում և գնում է։
— Չեմ գա։ Եվ խորհուրդ եմ տալիս անհապաղ հեռանալ այս հոյակապ պալատից։ Այնպիսի մեծ շենքերը, ինչպիսին սա է, անպայման ականապատված կլինեն։
Մինչ Ն. Գ. Վեդենիչևը բաժիններին կարգադրում էր անհապաղ էվակուացվել, ես ու Մ. Ե. Կատուկովը կանգնել էինք պուրակում և լսում էինք Տիրգարտենից դեպի հյուսիս֊արևմուտք թռչող ինքնաթիռների հռնդյունը։
— Հիտլերը և նրա սրիկայախումբը ճղում են արանքը...— բարձրաձայն մտածեցի ես։
— Բացառված չէ,— համաձայնեց Միխայիլ Եֆիմովիչը։
Գիշերվա ժամը երեքին մեր պալատը հօդս ցնդեց։ Մ. Ե. Կատուկովն իրավացի դուրս եկավ։
Փողոցային մարտերում սովետական զորքերին ամեն քայլափոխում վտանգ էր սպառնում։ Որևէ տան մեջ շրջապատված թշնամական զինվորները միայն իրենց հայտնի ստորգետնյա անցուղիներով, որպիսիք շատ էին քաղաքի հին մասում, անցնում էին մյուս տունը։ Այդ նպատակի համար հակառակորդն օգտագործում էր նաև լայնորեն ճյուղավորված կոյուղու ցանցր։ Կրակում էին թիկունքից, կրակում էին անկյունից։ Ամենուր ռուսերեն թռուցիկներ էին ցրում, որոնցով աշխատում էին մեզ վախեցնել. «Բեռլինում 600 հազար տուն կա, և յուրաքանչյուր տունը մի բերդ է, որը ձեզ համար գերեզման կլինի...»։
Բայց ոչնչով չես վախեցնի մեր զինվորին։ Նա այստեղ էր մտել, որպեսզի պատժի ֆաշիստներին։ Բայց նա մտել էր նաև, որպեսզի գերմանական ժողովրդին ազատի ֆաշիստներից։
Ավերված քաղաքում չէր գործում ջրմուղը, չկար էլեկտրական լուսավորություն։ Բեկորներով լցված նկուղներում տառապում էին կանայք ու երեխաները։ Խաղաղ բնակչությանը փրկելու համար մենք կազմակերպել էինք հատուկ խմբեր։ Նրանք բեկորների տակից հանում էին մարդկանց, նրանց բժշկական առաջին օգնությունը ցույց տալիս։ Ըստ որում, քիչ սովետական զինվորներ չէին զոհվում, հակառակորդը ամեն ինչ ականապատել էր, նույնիսկ բնակելի թաղամասերը։
Ես իմ սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես մեր զինվորներր հոգատարությամբ գերմանացի կանանց օգնում էին երեխաներին անվտանգ տեղ տանել, ինչպես իրենց զինվորական օրաբաժինը տալիս էին փոքրիկներին։
Փոքրիկ բեռլինցիներն առանց երկյուղի մոտենում էին հատուկ բնակչության համար նախատեսված դաշտային խոհանոցներին, նիհար ձեռքերով իրենց կերակրաթասն ու ափսեն էին մեկնում և ծիծաղելիոր են խնդրում. «Ուտել»։ «Ուտել»՝ դա առաջին ռուսական բառն էր, որ նրանք սովորել էին արտասանել։
Խոհարարը բերնեբերան լցնում է մանչուկի պղինձը։ «Դանքե շյոն»,— ասում է մանչուկը, բայց չի հեռանում։ «Էլ ի՞նչ ես ուզում, մանչուկ,— չհասկանալով, հարցնում է խոհարարը.— էլի՞ լցնեմ»։ Բայց տղան էլ աման չուներ ձեռքին։ «Ֆյուր մամա»,— բացատրում է փոքրիկ բեռլինցին, մատով ցույց տալիս իր պղինձը ու փախչում։ «Նշանակում է, էլի է գալու»,— կռահում է խոհարարը։
Սերժանտ Մ. Մ. Դարինկովի ավտոմատավորների խումբը, վտանգելով կյանքը, վառվող տան վերին հարկերից դուրս հանեց ավելի քւսն 20 կին ու երեխա։ Գուցե, նրանց կանանց ու երեխաներին, ովքեր իրենց վրա կրակում էին ֆաուստփամփուշտով։
Մեծահոգի են սովետական մարդիկ, այդ մեծահոգությունը գալիս է այն բանից, որ նրանք երբեք հավասարության նշան չեն դրել ֆաշիստական օկուպանտների և գերմանական ժողովրդի միջև։
Այդ մեծահոգությունը մարմնավորված է նաև սովետական զինվորի հուշարձանում, որը կանգնեցված է Բեռլինի Տրեպտով զբոսայգում։ Ինչքան էլ ինձ համոզել եմ, որ այնտեղ պատկերված զինվորը, որը մի ձեռքին սուր է բռնել, իսկ մյուսով կրծքին է սեղմում գերմանացի աղջնակին, խորհրդանիշ է, ընդհանրացված կերպար և այլն, ամեն անգամ, երբ լինում եմ Բեռլինում և կանգնում այդ հուշարձանի առջև, ինձ թվում է, թե հանձինս գրանիտե զինվորի տեսնում եմ իմ համագնդեցիներից մերթ մեկի, մերթ մյուսի չափազանց ծանոթ և հարազատ դեմքը։
Բեռլինն ամբողջովին բոցերի և սև ծխի քուլաների մեջ էր։ Քաղաքին խփում էին հազարավոր հրանոթներ, այն ռմբակոծում էր ավիացիան։ Նրա տերերն այդպես էլ չընդունեցին կապիտուլյացիայի պայմանները, որոնց համաձայն անհապաղ կդադարեցվեր կրակը։
Հիշենք. 1941 թվականի հոկտեմբերի 12֊ին հիտլերյան ռազմակայանը ցուցում էր տվել «Կենտրոն» բանակախմբի հրամանատարին. «Ֆյուրերը նորից է որոշել, որ Մոսկվայի կապիտուլյացիան չպետք է ընդունվի, եթե նույնիսկ այն առաջարկվի հակառակորդի կողմից»։
Ինչ արած, լիովին «տրամաբանական շարունակությունն» էր։ Թող կործանվեն հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ, մարդու կերպարանքը կորցրած հիտլերյան հանցախմբի հոգն էլ չէ. «Եթե մեզ վիճակված է հեռանալ, թող այդ դեպքում ամբողջ աշխարհը ցնցվի»,— գոռում էր Գեբելսը։
Ապրիլի 27֊ի երեկոյան 27֊րդ մոտոհրաձգային և 40֊րդ տանկային բրիգադների զինվորները Անգալտի կայարանում գրավեցին մեծ քանակությամբ գնացքներ։ Դրանցից մեկի վագոնները բերնեբերան լցված էին «Կոլլո» շոկոլադի սալիկներով։ Եվ այստեղ զինվորի սիրտը չդիմացավ. սկսեցին շոկոլադը բաժանել գերմանացի սոված երեխաներին։ Եվ որպեսզի երեխաները չվախենան, յուրաքանչյուր սալիկից կտրում էին մի կտոր և իրենք ուտում, թեև խստագույնս արգելված էր ռազմաավարային մթերքներից օգտվելը, դրանք կարող էին թունավորված լինել։
Մի քանի ժամ անց ինձ զեկուցեցին, որ որոշ զինվորների մոտ նկատվում է ակնհայտ թունավորման նշան՝ սրտխառնոց։ Հիշելով Գդինյայի մոտ տեղի ունեցած տարօրինակ պատահարը, հրամայեցի անհապաղ վառել այդ գնացքը։ Բայց հետո պարզվեց, որ ոչ մի թունավորում էլ չի եղել, պարզապես զինվորները չափազանց շատ սալիկներ էին նախապես փորձել Բեռլինի սովյալ երեխաներին շոկոլադով կերակրելիս...
Ապրիլի 30֊ի գիշերը ինձ մոտ բունկեր, այստեղ էր տեղավորված կորպուսի շտաբի օպերխումբը, բերեցին գերմանացի մի մայորի՝ զինվոր թարգմանչի հետ։ Մայորը հայտնեց, որ «Հենրիխ V» զբոսայգու կայազորի պետի կողմից, կայազորում մոտ 900 մարդ կա, լիազորված է հաղորդել գերի հանձնվելու մասին։ Արդյոք, կպահպանվի՞ իրենց կյանքը, ահա թե ինչի մասին էր նա անհանգստանում։ Ես հավաստիացրի, որ բոլոր նրանց համար, ովքեր զենքը ցած կդնեն, սովետական հրամանատարությունը երաշխավորում է անվտանգություն։
— Ես նրան հո այդպես էլ ասացի,— բացականչեց թարգմանիչը մաքուր ռուսերենով։ Ի պատասխան «Որտե՞ղ եք այդպես լավ սովորել ռուսերեն» հարցին, թարգմանիչը բացատրեց, որ ինքը գերմանացի է, բայց ծնվել ու մեծացել է Օդեսայի մարզում, դպրոցում ուսուցիչ է եղել, չի հասցրել էվակուացվել, գերմանացիները նրան մոբիլիզացրել են բանակ։— Ես բացատրել եմ կայազորի պետին, որ սովետական զինվորներր չեն գնդակահարի գերիներին։ Ես համոզեցի նրան, որ դա հակասում է սովետական հասարակության բնությանը։ Ես շատ բաների մասին եմ մտածել պատերազմի և գերմանական բանակի շարքերում հարկադրաբար ծառայելուս տարիների ընթացքում։
Հավատում էի, որ նա անկեղծ է, որ այդ մարդու գիտակցության մեջ սովետական ապրելակերպը բավական խոր հետք էր թողել։
Ավելի ու ավելի էր սեղմվում շրջապատման օղակը։ Հատկապես կատաղի դիմադրություն էին ցույց տալիս «Մյունխեբերգի», ՍՍ֊ի 1-րդ մոտոհրաձգային դիվիզիայի և այլ միավորումները։ Նրանք պաշտպանում էին Բեռլինի կենտրոնը, Տիրգարտենի շրջանը՝ կենդանաբանական այգին, ռայխստագը, գեստապոյի, կայսերական գրասենյակի շենքերը։
Ապրիլի լույս 30֊ի գիշերը 44֊րդ և 45-րդ գվարդիական տանկային բրիգադների տանկերն ուղիղ նշանառությամբ իրենց հրանոթներից արկակոծում էին կայսերական գրասենյակը։
Մեզանից ոչ ոք այն ժամանակ չգիտեր, որ հենց այդտեղ, զրահապատ ստորգետնյա նկուղներում էին թաքնվում Հիտլերը, Գեբելսը, Բորմանը և ֆաշիստական Գերմանիայի մյուս պարագլուխները և որ հենց այդտեղ էր խաղացվելու այն ողբերգության եզրափակիչ տեսարանը, որը վերջացավ որպես անհեթեթ զավեշտախաղ։
Ցերեկը մեր զորքերը ձեռնամուխ եղան կենդանաբանական այգու և կայսերական գրասենյակի ամրացված շրջանի վճռական գրոհին։ Հայտնի դարձավ, որ խելացնոր ֆյուրերն ինքնասպանություն է գործել։
Հիտլերը մեռած էր։ Բայց ստացվել էր նրան՝ արդեն մեռածին, ուղարկված դեր֊ծովակալ Դենիցի պատասխանը, որին նա նշանակել էր իր հաջորդը. «Իմ ֆյուրեր։ Իմ նվիրվածությունը Ձեզ աներկբայելի է։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի փրկեմ Ձեզ և Բեռլինը։ Սակայն, եթե ճակատագիրը հարկադրի ինձ՝ որպես Ձեր նշանակած հաջորդի, կառավարելու ռայխը, ես մինչև վերջ կշարունակեմ այս պատերազմը»։
Նույնիսկ արևմտագերմանացի պատմաբանները, որոնք այնքան շատ բան էին արել Գերմանիայի պարտության համար Հիտլերի միանձնյա պատասխանատվության լեգենդը հաստատելու նպատակով, նույնիսկ նրանք այժմ ստիպված են ընդունել, որ այդ գաղափարը հիմնազուրկ է։
«Ոչ միայն ոչ պատմականորեն ու անճշմարտացի, այլև վտանգավոր բան կլիներ,— գրում է նրանցից մեկը,— Հիտլերին քավության նոխազ դարձնելը, բացի մշտական նախաձեռնությունից և վերջին ատյանում ընդունած որոշումների համար ամենածանր պատասխանատվությունից, նաև Արևելքում աղետի հասցրած սխալների համար ամբողջ մեղքը նրան վերագրելը, ինչպես որ դա հասկանալի պատճառներով հաճախ է արվել 1945 թվականից հետո։ Եթե այդպես դատենք, ապա, օրինակ, կստացվի, որ միայն ռազմական մասնագետներն են նրա համար հաղթանակներ տարել, իսկ նա լոկ պարտություններ է կրել։ Այլ կերպ ասած, առանց Հիտլերի էլ այդ պատերազմը կշահվեր։ Նման հայացքը հասկանալի է հոգեբանորեն, բայց իրերի իսկական վիճակի տեսակետից քննադատության չի դիմանում։ Մի՞թե Հիտլերը կարող էր ծրագրել ու մղել այդ վիթխարի, սկզբում հաջող ընթացող պատերազմն այնպիսի մարդկանց հետ միասին, որոնք օժտված լինելով բավական հեռատեսությամբ, դժկամորեն են ենթարկվել նրան, որպեսզի «կանխեն վատթարագույնը»։ Իսկ նրանց, ովքեր փորձում են իրենց հնազանդությունն արդարացնել այն փաստարկով, թե իբր, միշտ դեմ են եղել Հիտլերին, բայց ղեկավարվելով ռազմաճակատի շահերով, չէին կարող պաշտոնաթող լինել, կարելի է առարկել, ասելով հետևյալը. ստրատեգիական տեսակետից ավելի վատ բան չկա, քան պատերազմելու վերաբերյալ սեփական սկզբունքային դիրքորոշումը կեղծ վարքագծով փոխարինելը, վաղօրոք իմանալով, որ այն կհասցնի պարտության։ Ով այդպես է վարվում, նա, Նապոլեոնի կարծիքով, ոչ միայն ռազմական հիմարություն է կատարում, այլև հանցագործություն»։
Ոչ, ամբողջ պատերազմի, ռայխի համար դրա տխուր ելքի համար իրենց ֆյուրերի հետ միասին բարոյական պատասխանատվություն են կրում ոչ միայն նրա քաղաքական մերձավոր օգնականները, այլև Կեյտելը և Յոդլը, Մանշտայնը և Գուդերիանը, Տիպելսկիրխը և Դենիցը, վերմախտի ամբողջ գեներալական կազմը։
...Ապրիլի 30-ի երեկոյան 3-րդ հարվածային բանակի զինվորները ռայխստագի վրա բարձրացրին հաղթանակի դրոշը։ Մայիսի մեկը ստացավ արժանավոր նվեր։
Այդ տոնական առավոտ բեռլինյան երկնքում մի խումբ կործանիչների ուղեկցոլթյամբ գրոհային ինքնաթիռները տանում էին կարմիր պաստառներ, որոնց վրա գրված էին «Հաղթանա՛կ», «Կեցցե՛ մայիսի 1-ը», «Փա՜ռք սովետական զորքերին, որոնք հաղթանակի դրոշը բարձրացրին Բեռլինի վրա»։
Մայիսի լույս 2֊ի գիշերր սկսվեց Բեռլինի կենտրոնական հատվածի վերջին գրոհը։ Առավոտյան 1-ին գվարդիական տանկային բանակը ներխուժեց Տիրգարտեն, միացավ 2-րդ գվարդիական տանկային բանակի և սովետական զինված ուժերի հետ միասին Բեռլինի գրոհին մասնակցող լեհական զորքին։
Գվարդիական տանկիստները տասնվեց օր կռվեցին տանկային բանակների համար անսովոր պայմաններում՝ հակառակորդի խորագնա, հակատանկային միջոցներով հագեցած պաշտպանության պայմաններում։ Նրանք հետևակի հետ կողքեկողքի գրոհեցին զեելովյան բարձունքները, մասնակցեցին փողոցային կատաղի մարտերին, հսկայական կորուստներ կրեցին, ապրեցին կորուստների դառնությունն ու ցավը, բայց կռվեցին քաջաբար ու համարձակորեն, իրենց չխնայելով, որպեսզի շուտ հնչեր հաղթանակի երկար սպասված ժամը։
Չդիմանալով հարվածին, գերմանաֆաշիստական զորքերը մայիսի 2֊ի առավոտվանից սկսեցին գերի հանձնվել։ Միայն մեր տանկային բանակին անձնատուր եղան թշնամու 7700 զինվոր ու սպա։ Նրանք դուրս էին գալիս նկուղներից, մետրոյից, ցած իջնում ձեղնահարկերից, բոլորն էլ կեղտի մեջ կորած, չսափրված, նիհարած, գլխահակ։ Հենց նոր նրանց գլխավերևում որպես դատավճիռ հնչեցին ռադիոգրերի տարածած խղճուկ խոսքերը. «Ապրիլի 30֊ին ֆյուրերը մեզ՝ նրան հավատարմության երդում տվածներիս, թողեց ճակատագրի քմահաճույքին...»։
Դա ասում էր Բեռլինի պաշտպանության հրամանատար, գեներալ Վայդլինգը։ Համոզում էր. «Դուք կարծում եք, թե ֆյուրերի հրամանով դեռ պետք է կռվեք Բեռլինի համար, չնայած ծանր զենքի, զինամթերքի բացակայությանը, չնայած ընդհանուր իրադրությանը, որը անիմաստ է դարձնում պայքարը։ Յուրաքանչյուր ժամը, որ շարունակում եք կռվել, երկարաձգում է Բեռլինի քաղաքացիական բնակչության և մեր վիրավորների ահավոր տառապանքները։ Յուրաքանչյուր ոք, ով ընկնի Բեռլինի համար, իզուր զոհաբերություն կկատարի»։
Բեռլինը կապիտուլացվեց։
Ուսումնասիրելով հաղթանակի դասերը, հարկ է, որ մենք՝ զինվորականներս, պատերազմի այդ ավարտական օպերացիան դիտենք անաչառ աչքերով՝ մեր ամբողջ օրինական հպարտությամբ հանդերձ, հաղթողների հպարտությամբ, ինչպես պահանջում է գիտությունը։ Ամեն մի գիտություն, առանձնապես ռազմական գիտությունը։
Գիտական խիստ օբյեկտիվությունը հարկադրում է ինձ խոստովանել, որ եթե Վիսլա֊Օդերյան օպերացիայում տանկերը, որոնք մտցվել էին այսպես կոչված մաքուր ճեղքման մեջ, առաջին իսկ օրվանից լայն ասպարեզ ստացան սրընթաց գործողությունների համար, որը կարմիր բանակին հաղթանակ բերեց, իսկ տանկիստներին՝ փառք, ապա Բեռլինյան օպերացիայում 1-ին գվարդիական տանկային բանակն օգտագործվեց, ավաղ, ոչ լավագույն ձևով։ Նրան ուղղագիծ ճեղքման դուրս բերելը, նրա կողմից թշնամու պաշտպանությանը ճակատային հարված հասցնելը, երբ նա համազորային բանակների, հետևազորի հետ համատեղ մեկը մյուսի հետևից գրոհում էր հակառակորդի պաշտպանական բնագծերը՝ այդ բոլորը չի համապատասխանում խոշոր տանկային միավորումների, ինչպիսիք են տանկային բանակները, իսկական նշանակությանը։ Խոսքը ոչ թե հետևազորի անմիջական աջակցության տանկերի մասին է և ոչ էլ համազորային բանակներին տրված առանձին տանկային բրիգադների տանկերի, որոնք, որպես կանոն, գործում են այնպես, ինչպես առաջինները, այլ խոշոր տանկային միավորումների, որոնք նախատեսված են հարձակման հաջողությունը զարգացնելու համար։
Հայրենական մեծ պատերազմի պատմությունից հայտնի են օրինակներ, երբ տանկային բանակներն օգտագործվել են ոչ միայն հարձակման հաջողությունը զարգացնելու համար, այլև մեր պաշտպանական օպերացիաների ժամանակ հակառակորդի հարվածները հետ մղելու համար։ Այդպես էր 1943 թվականի ամռանը Կուրսկի մոտ, երբ Կենտրոնական և Վորոնեժյան ռազմաճակատների տանկային բանակները գտնվում էին երկրորդ բնագծում. պաշտպանական մարտերում նրանք հյուծեցին, արյունաքամ արեցին թշնամու հարձակվող հարվածային խմբավորումը և դրանով իսկ պայմաններ նախապատրաստեցին մեր հակահարձակման համար։
Բայց Բեռլինյան օպերացիան հարձակողական՝ էր, և 1-ին տանկային բանակը՝ տանկային խոշոր միավորումը, գործելով այստեղ, ըստ էության, ինչպես հետևազորի անմիջական աջակցության տանկեր, զգալի կորուստներ կրեց։ Բեռլինի գրոհի ժամանակ հօգուտ տանկերի այդպիսի կիրառման միակ փաստարկը, իմ կարծիքով, այն էր, որ դա պատերազմի եզրափակիչ տեսարանն էր, որից անմիջա պես հետո պետք է իջներ վարագույրը՝ հետևեր թշնամու կապիտուլյացիան։
Ինձ կառարկեն, որ առաջին բնագծում տանկային բանակների գործողության դրական օրինակ էլ է եղել, տանկային բանակները ճեղքում էին թշնամու պաշտպանությունը և խորանում դրա մեջ։ Բայց դա ինչ պաշտպանություն էր որ։ Մի՞թե կարելի է այդ թույլ ու ոչ խոր պաշտպանությունը համեմատել Բեռլինի շուրջը հակառակորդի կազմակերպած պաշտպանության հետ։
Դասերը տարբեր են լինում։ Բեռլինյան օպերացիան նույնպես դաս է, որ մեզ հաղթանակը տվեց։
Բեռլինն ընկավ։ Բայց թշնամու զորքերը դեռևս շարունակում էին դիմադրությունը Չեխոսլովակիայում։ Եվ այդ ժամանակ ուղղակի Ռուդնիե լեռներով Զլատա Պրագային օգնության նետվեցին 1֊ին Ուկրաինական ռազմաճակատի զորքերը։ Դ. Դ. Լելյուշենկոյի և Պ. Ս. Ռիբալկոյի տանկերը, մի գիշերվա ընթացքում անցնելով 80 կիլոմետր, մայիսի 9-ի լուսաբացին ներխուժեցին Պրագայի արվարձանները։ Նրանցից անմիջապես հետո այնտեղ հասան 2-րդ և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերը։
Պրագան փրկվեց։ Սովետական զորքերի օպերացիաներին մասնակցեցին չեխոսլովակյան բանակային կորպուսը, լեհական զորքի 2֊րդ բանակը և ռումինական 1-ին ու 4֊րդ բանակները։
Բայց դեռևս մայիսի 2֊ին դիմադրությունը դադարեցվեց Բեռլինում, բեռլինյան կայազորի մնացորդները գերի հանձնվեցին...
Կարլսհորստ, Բեռլինի արևելյան արվարձան։ Մայիս ի 9֊ի նախօրյակի կեսգիշերը։ Ինձ չվիճակվեց ներկա լինել անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրման ժամանակ, սեփական աչքով տեսնել, թե ինչպես են Կեյտելը, Շտումպֆը, Ֆրիդեբուրգը ստորագրում այդ ակտը։ Բայց ես հստակ պատկերացնում եմ հաղթողներին համակած բավարարությունը, որոնց առջև ծնկի էր եկել տապալված ֆաշիզմը։
Մենք բոլորս՝ Բեռլինը գրավողներս, այդ պահին նրանց հետ էինք, մենք հաղթեցինք։
«Իմպերիալիզմի և նրա առավել հրեշավոր ծնունդ ֆաշիզմի հետ վիթխարի ռազմական բախման մեջ,— ասված է սովետական իշխանության կեսդարյա հոբելյան ի առթիվ ՍՄԿԿ Կենտկոմի թեզիսներում,— հաղթեց սոցիալիստական հասարակական և պետական կարգը։ Սովետական Միության ուժերի աղբյուրը սոցիալիստական էկոնոմիկան է, հասարակության սոցիալ֊քաղաքական և գաղափարական միասնությունը, սովետական հայրենասիրությունը և ՍՍՀՄ ժողովուրդների բայդեկամությունը, կոմունիստների կուսակցության շուրջ ժողովրդի համախմբվածությունը, սովետական ռազմիկների անօրինակ հերոսությունը և խիզախությունը։ Դա սոցիալիստական գաղափարախոսության հաղթանակն էր իմպերիալիզմի և ֆաշիզմի մարդատյաց գաղափարախոսության դեմ»։
Հայրենական մեծ պատերազմը ոչ միայն մարդկանց ու տեխնիկայի պատերազմ էր, դա նաև երկու ռազմական դպրոցների, երկու ռազմական արվեստների բախում էր։
Հայնց Գուդերիանը այնքան էլ ինքնատիպ չի եղել իր ռազմատեսական կոնցեպցիաներում, ինչպիսին ուզում են նրան ներկայացնել արտասահմանում։
Սովետական ռազմատեսական միտքը, ինչպես արդեն նշել եմ վերևում, դեռևս 30-ական թվականներին կենտրոնացվել էր խոր հարձակողական օպերացիաների պրոբլեմների մշակման վրա։ Տեխնիկական նոր միջոցների՝ տանկերի, ավիացիայի, հրետանու, երևան գալն ու բուռն աճը արմատապես փոխեցին հայացքները մարտի, օպերացիայի և ամբողջությամբ առած պատերազմի նկատմամբ։ Դրանք, ինչպես հետագայում հաստատեց իրականությունը, իրավացիորեն պատկերացվում էին բացառիկ լարված, դաժան, սրընթաց և մանևրային։ Այդպիսի հանգամանքներում մեծ դեր էր հատկացվում զրահատանկային զորքերին։
Այդ պատկերացումը բաժանում էին նաև աշխարհի այլ երկրների ռազմական տեսաբանները։ Դեռևս 1934 թվականին ավստրիացի գեներալ Պ. Էյմանսբերգն իր «Տանկային պատերազմ» գրքում գրել էր. «Այժմ գոյություն չունի գրոհի համար այլ մարտական միջոց, բացի օպերատիվ միավորման մեջ հավաքված և ռազմաօդային ուժեղ նավատորմի, ինչպես և արդյունավետ բոլոր մյուս զենքերի աջակցությամբ գործող տանկերից»։
Պ. Էյմանսբերգի այս հայացքներն էլ ընկած էին գեներալ Հ. Գուդերիանի տեսական մշակումների հիմքում, որ նա շարադրել էր իր նախապատերազմյան «Ուշադրությո՛ւն, տանկերը» հայտնի գրքում։
Հ. Գուդերիանի տեսական մշակումները զգալի չափով կանխորոշեցին գերմանաֆաշիստական զորքերի հաջողություններն Արևմտյան Եվրոպայում 1939—1940 թվականների օպերացիաներում և ՍՍՀՄ֊ի դեմ պատերազմի սկզբնական շրջանում։ Զրահատանկային զորքերը հարձակողական օպերացիայի ժամանակ համարվում էին հարվածային ուժ՝ պաշտպանությունը ճեղքելու և հարձակումը դեպի խորքը զարգացնելու համար։
Սկզբում հաջողությունն ուղեկցում էր Գուդերիանի տանկային բանակներին։ Բայց այն դավաճանեց նրանց, հենց որ գերմանական տանկային խմբավորումները բախվեցին սովետական զորքերի իսկապես ուժեղ, արևմտաեվրոպական երկրներում իրենց հանդիպածի հետ անհամեմատելի, խորագնա պաշտպանության հետ, ինչպես որ եղավ, օրինակ, Մոսկվայի, Ստալինգրադի և Կուրսկի մոտ։
Գերմանաֆաշիստական տանկային արմադաները սկսեցին պարտություն պարտության հետևից կրել սովետա-գերմանական ճակատում։ Ո՛չ Հ. Գուդերիանը, ո՛չ էլ գերմանական տանկային մյուս ստրատեգները այդպես էլ մինչև վերջ չկարողացան ճկունություն դրսևորել, անհրաժեշտ փոփոխություններ մտցնել իրենց մեկընդմիշտ մշակած շաբլոնի մեջ։
Սովետական ռազմական արվեստը, ընդհակառակը, ստեղծագործաբար կիրառելով պատերազմի փորձը, հենց բուն պատերազմի ընթացքում չեղյալ համարեց սովորական կանխադրույթները և զարգացրեց այնպիսի հզոր զենքի օգտագործման տեսությունը, ինչպիսին տանկն է։ Հենց տեսության նկատմամբ այդպիսի մոտեցումը հնարավորություն տվեց գործնականում ի հայտ բերել սովետական ռազմական արվեստի գերազանցությունը դեռևս 1942 թվականի Ստալինգրադյան օպերացիայում և այդ գերազանցությունը պահպանել մինչև պատերազմի հաղթական ավարտը։
Ինչպես ամեն մի արվեստ, ռազմականը ևս նրա ստեղծողների գաղափարախոսության արտացոլումն է։ Սովետական ռազմական դոկտրինան հենվում է ռազմատեսական պրոբլեմների մարքս-լենինյան ըմբռնման վրա։ Հաշվի առնելով, իհարկե, երկրի զարգացման տնտեսական գործոնները, որոնք կանխորոշում են բանակի տեխնիկական զինվածությունը և ապահովվածությունը, այն ամենից առաջ կողմն որոշվում է դեպի մարդը, գտնելով, որ բանակի գլխավոր ուժը միշտ մարդիկ են։
Այդպես է եղել Մեծ Հայրենականում, այդպես կլինի նոր պատերազմում, եթե այն, այնուամենայնիվ, սանձազերծեն ագրեսորները։ Անվիճելի է, որ ժամանակակից հրթիռամիջուկային զենքն ահավոր զենք է։ Բայց մեր ռազմական գիտությունը չի բացարձակացնում այն, առաջվա պես գլխավոր դերը հաղթանակի հասնելու գործում հատկացնելով մարդուն։
Դա, թերևս, մեր հաղթանակի գլխավոր դասն է։
Միայն նա կհաղթի, սովորեցրել է Լենինը, ով հավատում է ժողովրդին։ Բոլշևիկները ղեկավարվեցին լենինյան այդ գաղափարով և հաղթեցին ներքին հետադիմությանը, ինտերվենտներին՝ քաղաքացիական պատերազմում, հաղթահարեցին երկրի քայքայվածությունը և դարավոր տնտեսական ու տեխնիկական հետամնացությունը ժողովրդական տնտեսության վերականգնման տարիներին։ Որովհետև հավատացին ժողովրդին, կարողացան ժողովրդին ոգեշնչել ռազմական և աշխատանքային սխրագործության։
Ժողովրդի ստեղծագործական ու հոգևոր հզոր ուժերի նկատմամբ հավատը հաղթանակի երաշխիքն էր և մեր զինված ուժերին, մեր սովետական հասարակությանը հաղթանակի հասցրեց ֆաշիզմի դեմ մահացու գոտեմարտում։
Սովետական ռազմական դոկտրինան իրավացիորեն ենթադրում է, որ ապագա համաշխարհային, հնարավոր է, միջուկային պատերազմում, եթե այն սանձազերծեն իմպերիալիստական հետադիմության մութ ուժերը, նախորդ համաշխարհային պատերազմների հետ համեմատած էլ ավելի կաճի ժողովրդական զանգվածների դերը։
Պետության ղեկավարները, բնականաբար, միայն ժողովրդի ակտիվ մասնակցության դեպքում կարող են կենսագործել երկիրը ագրեսիայի հետ մղմանը նախապատրաստելու, պատերազմի ժամանակ նրա բարոյաքաղաքական և ռազմական հնարավորություններն իրացնելու վիթխարի աշխատանքը։
Սովետական ժողովրդի, սոցիալիստական ընկերակցության և նրանց զինված ուժերի ան պարտելիությունը կայանում է նրանում, որ նրանց ղեկավարում են մարքսիզմ-լենինիզմով, պատերազմի օրենքների իմացությամբ զինված, փորձված և ժողովրդական զանգվածների անսահման վստահությունը վայելող ՍՄԿԿ֊ն և եղբայրական կուսակցությունները։
Սովետական Միության կոմունիստական կուսակցության XXV, համագումարը նշեց, որ «կուսակցությունը և նրա Կենտրոնական կոմիտեն մշտապես ուշադրության կենտրոնում են պահում ռազմական շինարարության, սովետական զինված ուժերի հզորության և մարտունակության ամրապնդման հարցերը։ Մեր հայրենիքի պաշտպանության հզորության հարաճուն բարձրացումը, սովետական մարդկանց դաստիարակոլթյունր բարձր զգոնության, սոցիալիզմի մեծ նվաճումների պաշտպանությանը մշտական պատրաստականության ոգով առաջիկայում էլ պետք է դառնան կուսակցության ու ժողովրդի ամենակարևոր խնդիրներից մեկը»։
Մեր կուսակցության առաջնորդ և սովետական պետության ստեղծող Վ. Ի. Լենինը «Տակտիկայի մասին» իր նամակներում պահանջում էր, «...մարքսիստը պետք է հաշվի առնի կենդանի կյանքը, իրականության ճշգրիտ փաստերը...»։ Այս պահանջը մոռացության տալը ռազմական շինարարության, երկրի պաշտպանության կազմակերպման գործում կհասցնի անխուսափելի սխալների։
«...Առանց գիտության ժամանակակից բանակ ստեղծել չի կարելի»՝ լենինյան այս բանաձևը պահանջում է ռազմական ղեկավարության գիտական մակարդակի բարձրացում, դա մեր արագընթաց ժամանակի հրամայական պահանջն է։ Գիտատեխնիկական առաջադիմությունն անհապաղ դրսևորվեց նաև ռազմական գործերում՝ միջուկային, հրթիռային և ժամանակակից այլ զենքերը, սպառազինության մյուս բոլոր տեսակների արտադրության մեջ կատարվող տեխնիկական հեղափոխությունը պահանջեցին նույնքան անհապաղ փոփոխություններ անսասան թվացող ստրատեգիայի ու տակտիկայի դրույթներում, բանակի ռազմական ու քաղաքական ղեկավարման պրոբլեմների դիալեկտիկական զարգացում։
Այն պատերազմի պայմաններում, որն անխուսափելիորեն իր ուղեծրի մեջ է քաշում մարդկային վիթխարի զանգվածներ, պաշտպանության գիտական ղեկավարության պրոբլեմը հենց կյանքի թելադրանքով առաջին պլան է մղվում։
Ոչ մի բանակ, որքան էլ հոյակապ զինված լինի, չի կարող հաղթել առանց փորձված ռազմական ղեկավարների։ Ես նկատի ունեմ ոչ միայն զորավարներին, այլև հրամկազմի լայն շրջանը, որն ուսուցանում է զինվորներին, նրանց տանում մարտի, դրանով իսկ ազդում պատերազմի բախտի վրա։
Այդ դասը հաստատեց նաև ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ սովետական ժողովրդի տարած հաղթանակը հայրենական մեծ պատերազմում։
Այն ժամանակից ի վեր շատ բան է փոխվել աշխարհում։ Թեև ամրապնդվել են այն ուժերը որոնք ձգտում են վերջակետ դնել պատերազմների պատմությանը, բայց երկրի երեսից չեն չքվել, այլ, ընդհակառակը, ամեն կերպ աշխատում են հաստատվել այն ուժերը, որոնք ձգտում են նոր պատերազմ նախապատրաստել։
Պատերազմը ճակատագրականորեն անխուսափելի չէ, սովորեցնում է կուսակցությունը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ պատերազմ չլինի։ Բայց այն կարող է բռնկվել։
Եթե ճշմարտության ուղիղ դեմքին նայենք, ինչքան էլ այն տխուր լինի, ինչպես պահանջում էր Լենինը, պետք է համարձակ ասեր միջուկային և այլ նոր զենքով պատերազմն ահավոր պատերազմ է, այն կհասցնի մարդկանց վիթխարի զանգվածների ոչնչացման, նյութական արժեքների չտեսնված ավերածությունների։
Այդպիսի պատերազմը հրամանատարին և զորապետին ներկայացնում է նոր, հատուկ, բարձր պահանջներ։ Մանևրականությունը, մարտական օպերացիաների սրընթացությունը հրամանատարից կպահանջեն կամքի, մտքի բացարձակ մոբիլիզացիա, միջուկային պատերազմի պայմաններում ի մի ձուլվող քաղաքական և ռազմական խնդիրներ լուծելու հմտություն։ Նա պետք է ընդունակ լինի իր վրա վերցնելու պատասխանատվությունը ոչ միայն իր զորամասի կամ ստորաբաժանման, այլև մարդկանց այն վիթխարի զանգվածների համար, որոնք նրա տեղամասում կենթարկվեն միջուկային հարձակման։ Ըստ որում, պարզ է, թե ինչքան զգալի է մեր սպայական կորպուսի դերը, ինչքան մեծ է կուսակցության ու ժողովրդի հոգատարությունը նրա որակական աճի նկատմամբ։
Նկատեմ, ի դեպ, որ այժմ ոչ միայն ռազմական ակադեմիաները, այլև ռազմական ուսումնարանները մեծ մասամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ են։ Դա նույնպես ռազմական ղեկավարության գիտական մակարդակի բարձրացման ուղիներից մեկն է։ Ես կարող եմ թվել տասնյակ խոշորագույն գիտնականների, պրոֆեսորների և գիտության դոկտորների, մի ամբողջ բանակ կազմող դոցենտների և գիտության թեկնածուների, որոնք դասավանդում են ակադեմիաներում և ուսումնարաններում։ Մեր տանկային զորքերում, օրինակ, բարձրագույն ռազմական կամ բարձրագույն ինժեներատեխնիկական կրթություն ունի գրեթե յուրաքանչյուր սպա։ Ժամանակի րնթացքում սովետական բանակի բոլոր սպաները կունենան բարձրագույն կրթություն։
Ռազմական ուսումնարանի շրջանավարտը, բացի դիպլոմից, որը վկայում է նրա ռազմական կրթություն ստանալու մասին, միաժամանակ ստանում է սովորական բուհական դիպլոմ։ Այն մասին, թե ինչքան բարձր է մասնագետի պատրաստման մակարդակը ռազմական ուսումնական հաստատություններում, կարելի է դատել թեկուզև հետևյալ փաստով, ասենք, մաթեմատիկայի, ֆիզիկայի ծրագիրը տանկային տեխնիկական ուսումնարաններում այնպիսին է, ինչպես Մոսկվայի Բաումանի անվան փառաբանված բարձրագույն տեխնիկական ուսումնարանում և մայրաքաղաքի մյուս բուհերում։ Եվ ռազմական բուհ ընդունվել ցանկացողը պետք է նույնպիսի մրցույթով անցնի, ինչպես քաղաքացիական ինստիտուտ կամ համալսարան ընդունվողը։
Ռազմական բուհի՝ հրամանատարական, տեխնիկական, կուրսանտը չորս-հինգ տարի տեխնիկական, ռազմական առարկաների հետ միասին խորապես ուսումնասիրում է մարքս-լենինյան տեսությունը, իմանում հասարակական զարգացման օրենքները, ձեռք է բերում լայն մտահորիզոն, դաստիարակվում ժողովրդի գործին, կուսակցության գործին նվիրվածության ոգով։ Ռազմական ուսումնարաններից դուրս են գալիս բանակի ու նավատորմի քաղաքականապես ու գիտականապես բարձր կրթություն ունեցող, բարոյապես և ֆիզիկապես ամուր, ձեռներեց, ինքնուրույն և եռանդուն երիտասարդ սպաներ։
Այսօրվա սովետական սպայի քաղաքական ու գաղափարական համոզվածությունը ոչ թե սպայի գաղափարական ազնվության մասին մերկապարանոց հայտարարություն է, որի վերաբերյալ խոսակցություններով լեցուն են արտասահմանյան ռազմական հանդեսները։ Այդ համոզվածության անկեղծությունր և խորությունը այսօրվա սպային հնարավորություն են տալիս իր հետևից տանել զինվորական զանգվածներին, նրան ձուլում են նրանց հետ։ Այդպիսի համոզվածության դաստիարակումր սովետական ռազմական ուսումնարանների հոգատարության առաջին առարկան է։
Մենք՝ կոմունիստներս, համարում ենք, որ պատերազմն անխուսափելի չէ, այն կարելի է կանխել։ Սակայն, քանի դեռ գոյություն ունի իմպերիալիզմը, պետք է պատրաստ լինել ամեն մի անակնկալի, պատրաստ լինել սովետական պետության, մեր սովետական ժողովրդի պաշտպանությանը։
Իմ առջև է անգլիացի հայտնի տեսաբան, գեներալ Ջ. Ֆուլլերի «1939—1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմը» գիրքը։
Գեներալը փարիսեցիություն է անում, ասելով, որ պատերազմր չարիք է։ Բայց, այնուհետև պնդում է թե... դրանից պրծում չկա։ «Նախանձի, ագահության ու վախի մեջ պետք է փնտրել պատերազմի արմատները»։ Հաշտարարի պատմուճան հանգելով, նա հարց էր տալիս սուրբ Հակոբի բառերով. «Որտեղի՞ց են գալիս պատերազմները և պայքարը։ Արդյոք, դրանք մեր ներսում մոլեգնող կրքերի արդյունքը չե՞ն»։
Ինչպիսի՜ խորիմաստ անհեթեթություն։ Ստացվում է, որ պատերազմի պատճառները պետք է փնտրել ոչ թե իմպերիալիզմի համակարգում, այլ մարդու բնույթի մեջ, նրա բնածին ռազմատենչ հոգեբանության մեջ։ Բայց չէ որ դա պատերազմը դարձնում է հավերժ ու անխուսափելի, իսկ դրա էությունը՝ արտադասակարգային։ Սակայն իմպերիալիզմի ամբողջ արյունալի պատմոլթյունը բավական համոզչությամբ ցույց է տալիս, որ պատերազմների մեջ մեղավոր եղել և մնում է իմպերիալիզմը։ Հենց իմպերիալիզմի ագրեսիվ նպատակներն են ծնում հետադիմական քաղաքականություն, որի շարունակությունն են բազմաթիվ պատերազմներն ու կոնֆլիկտները ժողովուրդների ազատագրական շարժման դեմ։
...Կնոջ վեհապանծ կերպարանքն արձանացել է երկնքի կապույտի մեջ մխրճվող գրանիտե պատվանդանի վրա։ Դա իմ հարազատ գյուղի՝ Չարդախլուի, երեք հարյուր քսան զոհված մարտիկների հուշարձանն է։ Այն ժամանակ գյուղում եղել է մոտ չորս հազար բնակիչ։ Իսկ ռազմաճակատում մարտնչել էր 1250 չարդախլեցի։
Հաղթանակի օրը գյուղի բոլոր մարդիկ գնում են զոհվածների հուշարձանի մոտ։ Այստեղ սեղաններ են գցում։ Եվ առաջին կենացը, ըստ սովորության, խմում են առանց բաժակ բաժակի խփելու։ Դա զոհվածների հիշատակի կենացն է։ Նրանք, ովքեր իրենց կյանքը տվել են հայրենիքի ազատության համար, մեր հիշողության մեջ պետք է հավերժ ապրեն։
Ժամանակ առ ժամանակ իմ Չարդախլուում հանդիպում եմ նրանց, ովքեր ինձ պես վաղուց թողել են հայրենի գյուղը։ Մեծամասնությունը չգիտես ինչու զինվորականներ են՝ Սովետական Միության մարշալ Հ. Ք, Բաղրամյան, գեներալ Գ. Գ. Մանասյան, իսկ սպաներն անհաշիվ են։
Իսկ չէ որ Չարդախլուն, կարծես թե «ռազմատենչ» գյուղ չէ... Մեզանում նույնիսկ միշտ կատակով ասում էին. տղամարդիկ, իբր, իզուր էլ խանչալ են կրում...
Այնտեղ մի հայտնի հովիվ ունենք՝ Ստեփան Քոչարյան, համարյա հարյուր տարեկան է, մինչև հիմա խանչալով է ման գալիս։
— Որդիս,— բացատրում էր նա ինձ,— ախր էս զենքը պաշտպանության համար է։ Դու դա ինձնից լավ գիտես...
1977 թ.
Մոսկվա