{{Վերնագիր
|վերնագիր = Կրոնը բանականության դատաստանի առաջ
|հեղինակ = [[Մարկ Տվեն]]
|թարգմանիչ = Կ․ Ս․ Վարդանեան եւ Խ․ Զ․ Դադայան (ռուսերենից)
|աղբյուր = [[«Ադամի օրագիրը»]]
}}
[[Category: Արձակ]]
==Ստորակարգ կենդանին<ref>Այս հատվածին պետք է, ըստ երևույթին, նախորդեին լրագրային քաղվածքները Կրետում՝ 1897 թ․ Կրետական ապստամբության ժամանակ սանձազերծված կրոնական հետապնդումների մասին։ Ծան․ ռուս․ խմբ․։</ref>==
Ծերունի պաստորը մեզ գրում և մեզ հետ զրուցում էր մի ամբողջ ժամ, և նրա արագ ու խելացի պատասխաններից երևում էր, որ այն աշխարհում նա ժամանակը դատարկ բաներով չի անցկացնում։ Երևում էր, որ նա քիթը ամեն տեղ խոթում է և աշխատում է պարզել այն բոլորը, ինչը նրան անհասկանալի է թվում, իսկ եթե դա նրան չի հաջողվում, չի հանգստանում, նա ինքը այդ մասին մեզ պատմեց, այլ փնտրում է որևէ ծանոթ ոգի, որը կարող է նրան հաղորդել իր փորձը։ Զարմանալի չէ, որ նա ամեն բանի տեղյակ էր։ Ես կուզենայի նշել նրա բացառիկ սիրալիրությունն ու պատրաստակամությունը և ցանկանալ նրան նույնպիսի հաջողություն այսուհետ ևս, մինչև որ նա կբազմի ամենաբարձր ոլորտի գագաթին և այդպիսով կհասնի վերջնական կատարելության։
==Քրիստոնեական գիտություն==
<center>Վիեննա, 1899</center>
===Գլուխ առաջին===
Անցյալ ամառ, երբ ախորժակի վերականգնման բուժընթացն ավարտելուց հետո լեռնային առողջարանից վերադառնում էի Վիեննա, մթության մեջ գայթեցի և ժայռից ցած ընկա, կոտրելով ձեռքերս, ոտքերս և մնացած ամեն բան, ինչ կարելի էր կոտրել ու, բարեբախտաբար, այդ վիճակում ինձ գտան գյուղացիները, որոնք կորած էշ էին փնտրում, և փոխադրեցին մոտակա բնակավայրը, ուր տեղավորեցին գյուղական ծղոտածածկ տանիքով, ամբողջ ընտանիքի համար ձեղնահարկային սենյակներով ու ընդտանիքյա գեղեցիկ փոքրիկ պատշգամբով այն ցածրիկ, մեծ տներից մեկում, որոնց զարդարանքն են արկղերի մեջ աճեցվող վառվուն ծաղիկները և կատուները․ ներքնահարկում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակն էր, գոմից միջնապատով անջատված, իսկ բակում, լուսամուտների տակ վեհորեն ու տպավորիչ վեր էր խոյանում տան հպարտությունն ու հարստությունը՝ գոմաղբի կույտը։ Դուք, հավանորեն, նկատեցիք, որ դա տիպիկ գերմանական ֆրազ է, այն վկայում է, որ ես հաջողությամբ տիրապետում եմ այդ լեզվի մեխանիկային ու ոգուն և արդեն կարող եմ, մեկ անգամ թամբելով մի ֆրազ, նրանով, առանց իջնելու, գնալ ամբողջ օրը։
Իմ ապաստարանից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող գյուղում ապրում էր մի ձիաբույժ, բայց վիրաբույժ այնտեղ չկար։ Դա ինձ լավ հեռանկար չէր խոստանում, որովհետև իմ դեպքը բացահայտորեն վիրաբուժական էր։ Այստեղ հիշեցին, որ գյուղում ամառն անցկացնում է բոստոնցի մի տիկին, որը Քրիստոնեական գիտություն է քարոզում և կարող է բուժել ինչ որ կամենաք։ Մի աղջկա ուղարկեցին նրա հետևից։ Գիշերով նա սիրտ չէր արել տնից դուրս գալ, բայց պատվիրել էր բերանացի հաղորդել, որ պատահածը մի լուրջ բան չէ, որ շտապելու անհրաժեշտություն չկա, որ հիմա ինքը կգործադրի «հեռակա բուժում», իսկ անձամբ կգա առավոտյան․ առայժմ ինձ խնդրում է հանգստանալ, ավելի հարմար դիրքով պառկել և, որ գլխավորն է, համոզվել, որ ինձ բացարձակապես ոչինչ չի պատահել։ Ես մտածեցի, որ այստեղ մի թյուրիմացություն կա։
― Դուք նրան ասացի՞ք, որ ես գահավիժել եմ յոթանասունհինգ ոտնաչափ բարձրությամբ ժայռից։
― Այո՛։
― Եվ որ զարնվել եմ անդունդի հատակին ընկած քարին ու ետ թռել։
― Այո՛։
― Եվ որ զարնվել եմ երրորդ քարին ու կրկին, մեկ անգամ էլ եմ ետ թռել։
― Այո։
― Եվ որ ջարդոտել եմ բոլոր քարերը։
― Այո։
― Հիմա հասկանալի է, թե բանն ինչ է․ նա միայն քարերի մասին է մտածում։ Իսկ ինչո՞ւ դուք նրան չասացիք, որ ինքս էլ եմ ջարդուփշուր եղել։
― Ես նրան ասացի ամեն բան, բառ առ բառ, ինչպես դուք պատվիրել էիք, ասացի, որ այժմ դուք ձեր գագաթի մազափնջից մինչև կրունկները բարդ ջարդվածքներից կազմված մի տարօրինակ շղթա եք, և որ ձեր փշրված ոսկորները, որոնք դուրս են ցցված բոլոր կողմերից, ձեզ նմանեցրել են գլխարկների կախարանի։
― Եվ դրանից հետո նա փորձում էր համոզել, որ ինձ բացարձակապես ոչինչ չի՞ պատահել։
― Այո, նա այդպես ասաց։
― Ոչինչ չեմ հասկանում։ Ինձ թվում է, որ նա բավականաչափ մտածված կերպով չի ախտորոշել իմ դեպքը։ Ի՞նչ տեսք ուներ նա։ Նման էր մի մարդու, որ ճախրում է զուտ տեսության ոլորտո՞ւմ, թե՞ մարդու, որն առիթ է ունեցել գլորվելու անդունդը և որը վերացական գիտությանն օգնելու համար ապացույցներ է բերում սեփական փորձից։
―Bitte?<ref>Դուք ինչպես ասացի՞ք (գերմ․)</ref>
Այս ֆրազը հասկանալը Stubenmadchen-ի<ref>աղախին (գերմ․)։</ref> համար ուժից վեր խնդիր եղավ, որի առջև նա ընկրկեց։ Զրույցը շարունակել միտք չուներ, և ես խնդրեցի ուտելու որևէ բան տալ ու սիգար և խմելու որևէ տաք բան ու մի զամբյուղ՝ ոտքերս դրա մեջ դնելու համար, բայց այդ բոլորի դիմաց մերժում ստացա։
― Իսկ ինչո՞ւ։
― Նա ասաց, որ դուք ոչնչի կարիք չեք ունենա։
― Բայց ես սոված եմ, ես խմել եմ ուզում, և ինձ տանջում է սոսկալի ցավը։
― Նա ասաց, որ դուք այդպիսի պատրանքներ կունենաք, բայց դրանց վրա ոչ մի ուշադրություն չպետք է դարձնեք։ Եվ նա հատկապես ձեզ խնդրում է հիշել, որ այնպիսի բաներ, ինչպիսիք են քաղցը, ծարավը և ցավը, գոյություն չունեն։
― Իսկապե՞ս, նա այդպիսի բան է խնդրում։
― Նա այդպես ասաց։
― Եվ միաժամանակ նա այնպիսի անձնավորության տպավորություն թողեց, որը լիովին վերահսկո՞ւմ է իր մտավոր մեխանիզմի աշխատանքը։
― Bitte?
― Նրան թողել են թռչկոտե՞լ ազատության մեջ թե կապոտել են։
― Կապոտե՞լ։ Նրա՞ն։
― Լա՛վ, բարի գիշեր, կարող եք գնալ․ դուք հիանալի աղջիկ եք, բայց թեթև, սրամիտ զրույցի համար ձեր ուղեղի Geshirr-ը<ref>Կառուցվածքը (գերմ․)</ref> պիտանի չէ։ Թողեք ինձ իմ պատրանքների հետ։
===Գլուխ երկրորդ===
Հասկանալի է, որ ամբողջ գիշերը ես տառապեցի, համենայն դեպս ես այդ կարող էի կռահել բոլոր նշաններից, բայց, վերջապես, գիշերն անցավ, և Քրիստոնեական գիտության քարոզչուհին հայտնվեց, ու ես գոտեպնդվեցի։ Նա միջին տարիքի էր, խոշորակազմ ու ոսկրոտ, տախտակի նման ուղիղ, մռայլ դեմք ուներ և ընդգծված ծնոտ, հռոմեական կտուց, և նա երրորդ աստիճանի այրի էր, նրան կոչում էին Ֆուլեր։ Ես անհամբեր սպասում էի, թե երբ գործի կանցնենք, որպեսզի որոշ թեթևություն զգայի, բայց նա ջղայնացնելու աստիճան դանդաղաշարժ էր։ Նա դուրս քաշեց գնդասեղները, արձակեց ճարմանդները, կոճգամերը և կոճակները ու մեկը մյուսի հետևից վրայից հանեց իր բոլոր թիկնոցները, ձեռքի մի թափահարումով ուղղեց դրանց ծալքերը և խնամքով կախեց բոլոր իրերը, հանեց ձեռնոցները, պայուսակից՝ գիրքը, այնուհետև աթոռը մոտեցրեց մահճակալիս ու անշտապ նստեց․ ես հանեցի լեզուս։ Նա ներողամտաբար, բայց սառն անտարբերությամբ ասաց․
― Վերադարձրեք նրան այնտեղ, ուր հարկն է, որ այն լինի։ Մեզ հետաքրքրում է միայն ոգին, այլ ոչ նրա համար սպասավորը։
Ես չէի կարող նրան առաջարկել զարկերակս, որովհետև հոդս ջարդված էր, բայց նա կանխեց իմ ներողությունը, և բացասաբար շարժելով գլուխը, հասկացրեց, որ զարկերակը ևս մի համր սպասավոր է, որի կարիքն ինքը չի զգում։ Այդ ժամանակ մտածեցի, որ հարկավոր է նրան պատմել իմ հիվանդության ախտանիշների և ինքնազգացողությանս մասին, որպեսզի նա կարողանա ախտորոշել հիվանդությունս, բայց կրկին միջամտությունս անտեղի եղավ, որովհետև այդ ամենի նկատմամբ նա խորապես անտարբեր էր, ավելին՝ իմ ինքնազգացողության մասին հիշատակումն անգամ համարվեց լեզվի հանդեպ վիրավորանք, անհեթեթ տերմին։
― Ոչ ոք չի զգում, ― բացատրեց նա, ― զգացում առհասարակ չկա, այդ պատճառով էլ խոսել գոյություն չունեցողի մասին որպես գոյություն ունեցողի, նշանակում է ընկնել հակասության մեջ։ Մատերիա գոյություն չունի, գոյություն ունի միայն ոգի, իսկ ոգին չի կարող ցավ զգալ, նա կարող է միայն երևակայել։
― Իսկ եթե, այնուամենայնիվ, ցավո՞ւմ է․․․
― Այդպիսի բան լինել չի կարող։ Այն, ինչ իրական չէ, չի կարող կատարել իրականին հատուկ ֆունկցիաներ։ Ցավը իրական չէ, հետևաբար ցավել չի կարող։
Լայն թափահարելով ձեռքը, որպեսզի հաստատեր ցավի պատրանքը քշելու գործողությունը, նա դիպավ իր շորից ցցված գնդասեղին, ճչաց՝ վա՜խ և հանգիստ շարունակեց զրույցը․
― Երբեք ձեզ թույլ մի տվեք խոսել այն մասին, թե ինչպես եք զգում, և ուրիշներին էլ թույլ մի տվեք ձեզ հարցնել, թե դուք ինչպես եք ձեզ զգում, երբեք մի խոստովանեք, որ հիվանդ եք և ուրիշներին էլ թույլ մի տվեք ձեր ներկայությամբ խոսել հիվանդությունների կամ ցավի, կամ մահվան, կամ գոյություն չունեցող նման բաների մասին։ Այդպիսի խոսակցությունները միայն քաջալերում են ոգուն նրա անմիտ անուրջներում։
Այդ պահին Stubenmadchen տրորեց կատվի պոչը, և կատուն ամենասարսափելի ձևով կաղկանձեց։ Ես զգուշությամբ հարցրի․
― Իսկ կատվի կարծիքը ցավի մասին արժեք ունի՞։
― Կատուն կարծիք չունի․ կարծիքներին ծնունդ է տալիս ոգին․ ստորակարգ կենդանիները դատապարտված են հավերժական եղծականության և օժտված չեն ոգով, իսկ ոգուց դուրս կարծիքն անհնար է։
― Նշանակում է այդ կատուն պարզապես երևակայե՞ց, թե ինքը ցավ է զգում։
― Նա չի կարող երևակայել ցավը, որովհետև երևակայելը հատուկ է միայն ոգուն, առանց ոգու երևակայություն չկա։ Կատուն երևակայություն չունի։
― Այդ դեպքում նա իրական ցա՞վ է զգացել։
― Ես արդեն ասացի ձեզ, որ այնպիսի բան, ինչպիսին ցավն է, գոյություն չունի։
― Դա շատ տարօրինակ ու հետաքրքրական է։ Ես կուզենայի իմանալ, թե, այնուամենայնիվ, ինչ պատահեց կատվին։ Չէ որ, եթե իրական ցավ գոյություն չունի, իսկ կատուն զուրկ է երևակայական ցավ երևակայելու ընդունակությունից, ապա, ըստ երևույթին, աստված իր գթասրտությամբ փոխհատուցել է կատվին, օժտելով նրան ինչ֊որ անիմանալի հույզով, որ դրսևորվում է ամեն անգամ, երբ կատվի պոչը տրորում են, և այդ պահին կատվին ու քրիստոնյային մի ընդհանուր եղբայրության մեջ է միավորում․․․
Նա գրգռված ընդհատեց ինձ․
― Լռե՛ք։ Կատուն ոչինչ չի զգում։ Ձեր անիմաստ ու տխմար երևակայությունը սրբապղծություն է ու աստվածանարգություն և կարող է ձեզ վնաս պատճառել։ Ավելի խելացի, ավելի լավ ու ավելի բարեպաշտական է ենթադրել և ընդունել, որ այնպիսի բաներ, ինչպիսիք են հիվանդությունը կամ ցավը, կամ մահը, գոյություն չունի։
― Այդ ամենը կարծես թե ճիշտ և պարզ է հնչում, բայց էությունը, այնուամենայնիվ, ես չեմ կարողանում ըմբռնել։ Թվում է, թե ուր որ է կըմբռնեմ, բայց այն արդեն ճողոպրել է։
― Բացատրե՛ք։
― Այ, օրինակ, եթե մատերիա գոյություն չունի, ինչպե՞ս կարող է մատերիան որևէ բան ծնել։
Նա ինձ այնպես խղճաց, որ անգամ քիչ էր մնում ժպտար։ Այսինքն, նա անպայման կժպտար, եթե գոյություն ունենար այնպիսի մի բան, ինչպես ժպիտը։
― Ավելի հեշտ բան չկա, ― ասաց նա։ ― Քրիստոնեական գիտության հիմնական սկզբունքները դա բացատրում են․ դրանց էությունը շարադրված է հետևյալ չորս ասույթներում, որոնք իրենք խոսում են իրենց մասին։ Առաջին՝ Աստված է ամբողջ գոյը։ Երկրորդ՝ Աստված բարին է։ Բարին Ոգին է։ Երրորդ՝ Աստված, Ոգին ամեն ինչ է, մատերիան ոչինչ է։ Չորորդ՝ Կյանքը, Աստվածը, ամենազոր Բարին բացասում են մահը, չարը, մեղքը, հիվանդությունը։ Հիմա դուք համոզվեցի՞ք։
Բացատրությունը ինձ մշուշոտ թվաց․ այն չէր լուծում իմ դժվարությունը մատերիայի հարցում, որը գոյություն չունի, սակայն պատրանքներ է ծնում։ Տատանվելով, ես հարցրի․
― Մի՞թե․․․ մի՞թե դա որևէ բան բացատրում է։
― Իսկ մի՞թե ոչ։ Անգամ եթե վերջից սկսենք, այդ դեպքում էլ է բացատրում։
Իմ մեջ ջերմացավ հույսի կայծը, և ես նրան խնդրեցի, վերջից սկսել։
― Շատ լավ։ Հիվանդությունը, մեղքը, չարը, մահը բացասում են Բարին։ Ամենազոր Աստվածը կյանքը ոչինչ է մատերիան ամեն ինչ է Ոգին Աստված Ոգին է Բարին։ Բարին է Աստված գոյը ամբողջ է Աստված։ Ահավասիկ․․․ հիմա գոնե դուք հասկանո՞ւմ եք։
― Հիմա․․․ հիմա, թերևս, ավելի պարզ է, քան առաջ, բայց, այնուամենայնիվ․․․
― Ի՞նչ։
― Չի՞ կարելի, արդյոք, դա ասել այլ կերպ, ուրիշ եղանակով։
― Ցանկացած եղանակով, ինչպես կամենաք։ Միտքը միշտ էլ նույնը կստացվի։ Բառերը վերադասավորեցեք ինչպես ուզում եք, միևնույն է, դրանք կնշանակեն ճիշտ նույն բանը, ինչ որ եթե դասավորված լինեին ցանկացած այլ կարգով։ Որովհետև դա կատարելություն է։ Դուք կարող եք պարզապես ամբողջը վերադասավորել, ոչ մի տարբերություն չի լինի․ միևնույն է, կստացվի այնպես, ինչպես առաջ էր։ Դա հանճարեղ մտքի պայծառացումն է։ Որպես մտածողական de force<ref>Ձեռնածություն (ֆր․)։</ref> այն չունի հավասարը, այն դուրս է գալիս ինչպես հասարակի, կոնկրետի, այնպես էլ գաղտնիի, նվիրականի սահմաններից։
― Ա՜յ քեզ բան։
Ես անհարմար զգացի․ բառը բերանիցս դուրս թռավ ավելի շուտ, քան կկարողանայի այն պահել։
― Ի՞նչ։
․․․ Զարմանալի կառուցվածք․․․ զուգորդում, այսպես ասած, խորագույն մտքերի․․․ վեհ․․ ցնց․․․
― Միանգամայն ճիշտ է։ Արտասանո՞ւմ եք, արդյոք, վերջից, թե սկզբից, ուղղահայաց, թե առաջադրված ամեն մի անկյան տակ, այդ չորս ասույթները միշտ համաձայնեցվում են ըստ բովանդակության և միշտ միատեսակ ապացուցելի են։
― Այո, այս․․․ ապացուցելի․․․ Այ, հիմա մենք ավելի մոտ ենք գործին։ Ըստ բովանդակության դրանք, իրոք, համաձայնեցվում են, դրանք համաձայնեցվում էն ը․․․ ը․․․ այսպես թե այնպես համաձայնեցվում են․ ես այդ նկատել եմ։ Բայց թե կոնկրետ դրանք ինչ են ապացուցում․․․ ես ըմբռնում եմ մասնակիորեն։
― Բայց դա բացարձակապես պարզ է։ Դրանք ապացուցում են՝ առաջին․ Աստվածը սկիզբների սկիզբն է, Կյանք, Ճշմարտություն, Սեր, Հոգի, Ոգի, Բանականություն։ Դուք այդ հասկանո՞ւմ եք։
― Հըմ․․․ կարծեմ, այո։ Շարունակեք, խնդրում եմ։
― Երկրորդ․ Մարդն աստվածային ունիվերսալ գաղափար է, անհատ, կատարյալ, անմահ։ Սա ձեզ համար պա՞րզ է։
― Կարծես թե։ Հետո՞։
― Երրորդ․ Գաղափարը պատկեր է հոգու մեջ, ըմբռնման անմիջական օբյեկտ։ Եվ ահա ձեր առջև է Քրիստոնեական գիտության աստվածային գաղտնիքը՝ երկու խոսքով։ Դուք դրանում գտնո՞ւմ եք թեկուզ մի թույլ տեղ։
― Չէի ասի․ այն անխոցելի է թվում։
― Հիանալի՜ է։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Այդ երեք դրույթները կազմում են Անմահ ոգու գիտական բնորոշումը։ Այնուհետև մենք ունենք Մահկանացու հոգու գիտական բնորոշումը։ Ահա՛ այն։ Առաջին Աստիճան․ Մեղսակցություն։ Առաջին․ ֆիզիկական՝ կրքեր և իղձեր, երկյուղ, արատավոր կամք, հպարտություն, նախանձ, խաբեություն, ատելություն, վրեժխնդրություն, մեղք, հիվանդություն մահ։
― Այդ բոլորը ոչ իրական կատեգորիաներ են, տիկին Ֆուլեր, պատրանքներ, որքան ես հասկանում եմ։
― Բոլորը, առանց բացառության։ Երկրորդ Աստիճան․ <b>Չարն անհետանում է։</b> Առաջին․ բարոյական ազնվություն, մտերմություն, կարեկցություն, հույս, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Սա պա՞րզ է։
― Ցերեկվա լույսի նման։
― Երրորդ աստիճան․ <b>Հոգևոր փրկություն։</b> Առաջին․ Հոգևոր՝ հավատ, իմաստություն, ուժ, անարատություն, պայծառամտություն, առողջություն, սեր։ Դուք տեսնում եք, թե ինչպես այդ ամենը խնամքով մտածված ու համաձայնեցված է, ինչպես փոխկապակցված ու մարդակերպական է։ Վերջին՝ Երրորդ աստիճանում, ինչպես մենք գիտենք Քրիստոնեական գիտության հայտնությունից, մահկանացու հոգին անհետանում է։
― Բայց ոչ ավելի վա՞ղ։
― Ոչ, ոչ մի դեպքում, միայն այն ժամանակ, երբ կավարտվեն Երրորդ աստիճանի համար անհրաժեշտ դաստիարակությունն ու նախապատրաստությունը։
― Եվ միայն ա՞յդ ժամանակ, ուրեմն, հնարավոր կլինի հաջողությամբ տիրապետել Քրիստոնեական գիտությանը, գիտակցաբար հաղորդակից լինել նրան և սիրել այն, ճի՞շտ եմ ես ձեզ հասկանում։ Այլ կերպ ասած, այդ բանին հասնել հնարավոր չէ Երկրորդ աստիճանում տեղի ունեցող պրոցեսների ընթացքում, որովհետև այնտեղ դեռևս պահպանվում են հոգու, ուրեմն և բանականության մնացորդները, ուստի և․․․ Բայց ես ձեզ ընդհատեցի։ Դուք պատրաստվում էիք պարզաբանել, թե ինչպիսի հիանալի արդյունքներ են ստացվում, երբ Երրորդ աստիճանը խորտակում և հողմացրիվ է անում այդ մնացորդները։ Դա շատ հետաքրքիր է, խնդրում եմ շարունակեք։
― Այսպես, ուրեմն, ինչպես արդեն ասացի, այդ Երրորդ աստիճանում մահկանացու հոգին անհետանում է։ Գիտությունն այնպես է շրջում մարմնական զգացումներով ընկալվող ամեն բան, որ մենք անկեղծորեն ընդունում ենք մեր սրտերում ավետարանական այն մարգարեությունը, թե՝ «առաջինները կլինեն վերջիններ, վերջինները՝ առաջիններ» և հասկանում ենք, որ Աստված ու նրա գաղափարը կարող են մեզ համար դառնալ համապարփակ, ինչպիսին է աստվածայինը իրոք և ըստ անհրաժեշտության պետք է լինի։
― Դա սքանչելի է։ Եվ ինչպես եք խնամքով ու վարպետորեն դուք ընտրել ու դասավորել բառերը, որպեսզի հաստատեք ու հիմնավորեք այն ամենը, ինչ ասել եք Երրորդ աստիճանի զորեղության և ֆունկցիաների մասին։ Երկրորդը, հավանաբար, կարող էր առաջացնել բանականության լոկ ժամանակավոր կորուստ, բայց միայն Երրորդն է ընդունակ դրա բացակայությունը դարձնելու մշտական։ Երկրորդ աստիճանի հովանու տակ կառուցված ֆրազը, հնարավոր է, դեռ պարունակեր իմաստի նման ինչ֊որ մի բան, ավելի ճիշտ՝ իմաստի խաբուսիկ նմանակում, մինչդեռ Երրորդ աստիճանի մոգական ուժը, և միայն նա՛ է վերացնում այդ բացը։ Բացի այդ, անտարակուսելի է․ հենց Երրորդ աստիճանն է Քրիստոնեական գիտությունն օժտում ևս մի հիանալի հատկությամբ՝ ես նկատի ունեմ նրա թեթև և սահուն, հարուստ, ռիթմիկ և ազատ լեզուն։ Հավանաբար դա ունի իր հատուկ պատճառը։
― Օ՜, այո։ Աստված֊Ոգի, Ոգի֊Աստված, երիկամներ, լյարդ, բանականություն, խելք։
― Հիմա ամե՛ն ինչ հասկանալի է։
― Քրիստոնեկան գիտության մեջ անհասկանալի ոչինչ չկա, որովհետև Աստված միասնական է, Ժամանակը միասնական է, Անհատը միասնական է և կարող է լինել իր նմաններից մեկը, շատերից մեկը, ինչպես, օրինակ, առանձին մարդը, առանձին ձին, մինչդեռ Աստված միասնական է, ոչ թե շատերից մեկն է, այլ մեն միակը և իրեն հավասարը չունեցող։
― Դրանք ազնիվ մտքեր են։ Ես ուղղակի այրվում եմ ավելի շատ բան իմանալու ցանկությունից։ Ասացեք, Քրիստոնեական գիտությունը ինչպե՞ս է բացատրում մշտական երկվության հոգևոր վերաբերմունքը պատահական շեղման նկատմամբ։
― Քրիստոնեական գիտությունը շրջում է Հոգու և մարմնի թվացող հարաբերությունը, ինչպես որ աստղաբաշխությունը շրջում է արեգակնային համակարգի մարդկային ընկալումը և մարմինը ենթադրում է Ոգուն։ Ինչպես որ Երկիրն է պտտվում անշարժ Արեգակի շուրջը, թեպետ դրան դժվար է հավատալ, երբ մենք նայում ենք ծագող լուսատուին, ճիշտ այդպես էլ մարմինը, որը հանգչող Ոգու սոսկ խոնարհ ծառան է, թեև մեր սահմանափակ բանականությանը հակառակն է թվում։ Բայց մենք դա երբեք չենք հասկանա, եթե ընդունենք, որ Հոգին գտնվում է մարմնի մեջ կամ Ոգին՝ մատերիայի մեջ և որ մարդն անկենդան աշխարհի մի մասն է։ Հոգին Աստվածն է՝ անփոփոխ ու հավերժական, իսկ մարդը գոյակցում է Հոգու հետ և արտացոլում է այն, որովհետև սկբզբների սկիզբը Ամբողջ գոյն է, իսկ Ամբողջ Գոյն ընդգրկում է Հոգին֊Ոգին, Ոգին֊Հոգին, սերը, բանականությունը, ոսկորները, լյարդը, իրեն նմաններից մեկին, միակին և հավասար չունեցողին։
― Որտեղի՞ց է ծագել Քրիստոնեական գիտությունը։ Դա աստվածային պարգև՞ է, թե այն երևան է եկել պատահաբար, ինքն իրեն։
― Որոշ իմաստով այն աստվածային պարգև է։ Այսինքն դրա զորությունը բխում է Աստծուց, բայց այդ զորության և դրա դերի հայտնագործումը պատկանում է մի ամերիկացի տիկնոջ։
― Ա՜յ թե ինչ։ Իսկ ե՞րբ է դա պատահել։
― Հազար ութ հարյուր վաթսունվեց թվականին։ Դա անմոռանալի տարեթիվ է, երբ ցավը, հիվանդությունները և մահը հավիտյանս անհետացան երկրի երեսից։ Այսինքն անհետացան այն պատրանքները, որոնք նշվում են այդ բառերով։ Իսկ այդ բաներն իրենք առհասարակ երբեք գոյություն չեն ունեցել, այդ պատճառով էլ, երբ հայտնաբերվեց, որ դրանք չկան, ապա հեշտությամբ վերացվեցին։ Այդ հայտնագործման պատմությունը և դրա էությունը նկարագրված են այս գրքում, և․․․
― Գիրքը գրել է ակդ տիկի՞նը։
― Այո, գիրքը նա ինքն է գրել, ամբողջը, սկզբից մինչև վերջ։ Գիրքը կոչվում է «Գիտությունը և առողջությունը Աստվածաշնչի մեկնաբանությամբ», որովհետև տիկինը պարզաբանում է Աստվածաշունչը․ առաջ ոչ ոք այն չէր հասկանում։ Նույնիսկ տասներկու առաքյալները։ Ես ձեզ համար կկարդամ սկիզբը։
Բայց պարզվեց, որ նա ակնոցը մոռացել էր։
― Ոչինչ, դա կարևոր չէ, ― ասաց նա։ ― Ես բառերը հիշում եմ, չէ որ մենք բոլորս՝ Քրիստոնեական գիտության քարոզիչներս, գիրքն անգիր գիտենք․ մեր աշխատանքում դա անհրաժեշտ է։ Այլապես սխալներ կգործեինք և չարիք կպատճառեինք։ Ուրեմն, լսեք․ «Հազար ութ հարյուր վաթսունվեց թվականին ես հայտնագործեցի Մետաֆիզիկական բուժման գիտությունը և այն անվանեցի «Քրիստոնեական գիտություն»։ Այնուհետև նա ասում է, և ես այն կարծիքին եմ, որ դա հիանալի է ասված․ «Քրիստոնեական գիտության» միջոցով կրոնը և բժշկագիտությունը շնչավորվում են նոր, աստվածային բնույթով ու էությամբ, հավատը և ըմբռնողությունը թևավորվում են, իսկ մտքերը հաղորդակցվում են անմիջականորեն Աստծու հետ», ― սրանք ճշտորեն նրա խոսքերն են։
― Շատ գեղեցիկ է ասված։ Եվ, բացի այդ, դա փայլուն գաղափար է՝ Աստծուն նշանել բժշկության հետ, այլ ոչ թե բժշկությանը՝ դագաղագործի հետ, ինչպես առաջ էր․ չէ որ Աստվածն ու բժշկությունը, ըստ էության, արդեն պատկանում են միմյանց, լինելով մեր հոգևոր ու ֆիզիկական առողջության հիմքը։ Ինչպիսի՞ դեղեր եք դուք տալիս սովորական հիվանդությունների դեպքում, օրինակ․․․
― Մենք երբեք դեղեր չենք տալիս, ոչ մի պարագայում։ Մենք․․․
― Բայց, տիկին Ֆուլեր, չէ որ այնտեղ ասված է․․․
― Ինձ ամենևին չի հետաքրքրում, և ես չեմ ուզում այդ մասին խոսել։
― Ես շատ եմ ցավում, եթե որևէ բանով ձեզ վիրավորեցի, բայց ձեր պատասխանը կարծես թե հակասում է․․․
― Քրիստոնեկան գիտության մեջ ոչ մի հակասություն չկա։ Դա հնարավոր չէ, քանի որ գիտությունը բացարձակ է։ Այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ նրա անմիջական աղբյուրը Սկզբների սկիզբն է, Համապարփակը, ինչպես նաև Հոգին, ոսկորները, մեկը շատերից, միակը և իրեն հավասարը չունեցողը։ Դա շնչավորված մաթեմատիկան է, զտված նյությական խարամից։
― Այդ ես հասկանում եմ, բայց․․․
― Այն խարսխվում է Անվիճարկելի սկզբունքի անխորտակելի հիմքի վրա։
Բառը զարնվելով իմ գանգին, փշրվեց, երբ փորձում էր անցնել նրա միջով, ու շշմեցրեց ինձ, բայց նախքան ես կկարողանայի հարց տալ, թե դա ինչ առնչություն ունի գործի հետ, նա արդեն բացատրում էր․
― Անվիճարկելի սկզբունքը Ոգով գիտականորեն բուժելու բացարձակ սկզբունքն է, գերագույն Ամենազորությունը, որը մարդկային որդիներին և դուստրերին ազատում է ամեն մի չարիքից, որին ենթակա է մարմինը։
― Բայց, իհարկե, ո՛չ ամեն մի չարիքից, ո՛չ ամեն մի ավերածությունից։
― Ցանկացած, առանց բացառության․ այնպիսի մի բան, ինչպիսին ավերածությունն է, չկա։ Այն իրական չէ, այն գոյություն չունի։
― Բայց առանց ակնոցի ձեր թուլացող տեսողությունը ձեզ թույլ չի տալիս․․․
― Իմ տեսողությունը չի կարող թուլանալ․ ոչ մի բան չի կարող թուլանալ․ Ոգին տիրակալ է, իսկ Ոգին անկում թույլ չի տալիս։
Նա բարբառում էր Երրորդ աստիճանի ներշնչմամբ, ուստի միտք չուներ առարկել։ Ես թեման փոխեցի և նորից սկսեցի հարց ու փորձ անել Նախահայտնագործողուհու մասին։
― Հայտնագործումը կատարվել է հանկարծակի, ինչպես որ Կլոնդայկը, կամ այն երկար ժամանակ նախապատրաստվել ու հղացել է, ինչպես Ամերիկայի հայտնագործումը։
― Ձեր համեմատությունները սրբապիղծ են, դրանք վերաբերում են ստոր բաների․․․ Բայց թողնենք այդ։ Ես կպատասխանեմ հենց Նախահայտնագործողուհու բառերով․ «Սստված իր գթասրտությամբ երկար տարիներ ինձ նախապատրաստում էր այն բանի համար, որ ես ընդունեի ի վերուստ առաքված հայտնությունը՝ Ոգով գիտականորեն բուժելու բացարձակ սկզբունքը»։
― Ահա՜ թե ինչ, երկար տարիներ։ Իսկ որքա՞ն։
― Հազար ութ հարյուր։
― Աստված֊Ոգի, Ոգի֊Աստված, Աստված֊բարություն, ճշմարտություն, ոսկորներ, երիկամներ, շատերից մեկը, միակը և հավասարը չունեցողը․ սա ցնցո՛ղ է։
― Դուք բոլոր հիմքերն ունեք զարմանալու, պարոն։ Եվ, այնուամենայնիվ, դա զուտ ճշմարտություն է։ Հայտնության տասներկուերորդ գլխում կա մի պարզ հիշատակում այդ ամերիկյան տիկնոջ՝ մեր հարգելի և սուրբ Հիմնադրուհու մասին, և այնտեղ էլ հենց կա մարգարեություն նրա գալստյան մասին․ սուրբ Հովհաննը չէր կարող ավելի պարզ նրան մատնացույց անել, բացի միայն հիշատակելով նրա անունը։
― Որքա՜ն դա անհավանական է, որքան զարմանալի։
― Ես կբերեմ հենց նրա բառերը «Աստվածաշնչի մեկնաբանությունից»․ «Հայտնության տասներկուերորդ գլխում <b>կա պարզ ակնարկ մեր՝ տասնիններորդ դարի վերաբերյալ»։</b> Ահա, նկատեցի՞ք։ Լա՛վ հիշեցեք։
― Բայց դա ի՞նչ է նշանակում։
― Լսեք և կիմանաք։ Ես կրկին կհիշատակեմ նրա ոգեշունչ բառերը․ «Սուրբ Հովհաննու հայտնության մեջ, այնտեղ, որտեղ խոսվում է Վեցերորդ կնիքի վերացման մասին, որը տեղի ունեցավ Ադամից վեց հազար տարի հետո, կա մի ուշագրավ մանրամասնություն, որը <b>հատուկ առնչություն ունի մեր դարի հետ»։</b> Ահա այն․
«Գլուխ XII: 1. ― Եվ երկնքում հայտնվեց մեծ խորհրդանշանը՝ արևազարդ կին, նրա ոտքերի տակ լուսինը, և նրա գլխին տասներկու աստղերից կազմված պսակ»։
Դա մեր առաջնորդն է, մեր Մայրը, Քրիստոնեական գիտության մեր Նախահայտնագործողուհին․ ի՞նչը կարող է լինել ավելի պարզ, ի՞նչը կարող է լինել ավելի անտարակուսելի։ Եվ էլի՛ ուշադրություն դարձրեք հետևյալի վրա․
«Գլուխ XII: 6. ― Իսկ կինը փախավ անապատ, որտեղ աստծու կողմից նրա համար պատրաստված տեղ կար»։
― Դա Բոստոնն է։ Ես ճանաչում եմ այն։ Դա հոյակա՜պ է։ Ես ցնցված եմ։ Առաջ ես բոլորովին չէի հասկանում այդ տեղերը, խնդրում եմ, շարունակեք ձեր․․․ ձեր․․․ ապացույցները։
― Հիանալի՜ է։ Լսե՛ք շարունակությունը․
«Գլուխ X: 1 ― 2։ ― Եվ ես տեսա ուրիշ Հրեշտակի, որն ուժեղ էր և իջնում էր երկնքից, ամպերով պարուրված․ նրա գլխավերևում ծիածան էր կապած, և նրա դեմքը արեգակի էր նման, և նրա ոտքերը հրեղեն սյուների էին նման, նրա ձեռքին կար բաց գիրք»։
― Բաց գիրք․․․ Ուղղակի գիրք․․․ ի՞նչը կարող է լինել ավելի համեստ։ Բայց դրա նշանակությունն այնքա՜ն վիթխարի է։ Դուք, հավանաբար, կռահեցիք, թե դա ինչ գիրք է եղել։
― Մի՞թե։
― Այն իմ ձեռքին է՝ Քրիստոնեական գիտությունը։
― Սեր, լյարդ, լույս, ոսկորներ, հավատ, երիկամներ, շատերից մեկը, միակը և հավասարը չունեցողը՝ ես չեմ կարողանում զարմանքից ուշքի գալ։
― Անսացեք մեր Հիմնադրուհու պերճախոս բառերին․ «Եվ այնժամ երկնային ձայնը կոչ արեց․ «Գնա՛, վերցրու բաց գիրքը․ վերցրու և կեր այն․ դառը կլինի քո որովայնում, բայց շուրթերիդ վրա քաղցր կլինի ինչպես մեղրը»։ Մահկանացու, խոնարհվի՛ր սուրբ խոսքերի առջև։ Ձեռնամուխ եղիր Աստվածային գիտությանը։ Կարդա այն սկզբից մինչև վերջ։ Ուսումնասիրիր այն, մտորիր նրա շուրջը։ Ճաշակիր այն, իրոք դա համով քաղցր կլինի և կբուժի քեզ, բայց երբ դու այն մարսես ու դառնություն զգաս, մի տրտնջա ճշմարտության հանդեպ»։ Պարոն, հիմա դուք գիտեք մեր անհամեմատելի և Աստվածային սրբազան գիտության պատմությունը և գիտեք, որ մեր երկրի վրա այն միայն հայտնագործվել է, բայց նրա ծագումը աստվածային է։ Իսկ այժմ ես գիրքը կթողնեմ ձեզ ու կգնամ, բայց դուք ոչ մի բանի մասին չանհանգստանաք, ես ձեզ կբուժեմ հեռակա կարգով այնքան ժամանակ, մինչև որ քուն մտնեմ։
===Գլուխ երրորդ===
Հեռակա և համատեղ բուժման մոգական ներգործությամբ ոսկորներս սկսեցին կամաց֊կամաց ներս քաշվել և անհետանալ։ Այդ բարի գործը սկսվեց արագ թափով և առաջ գնաց լրիվ ընթացքով։ Իմ մարմինը եռանդագին ձգվում էր և ամեն կերպ ճկվում, որպեսզի հեշտացներ վերականգնման պրոցեսը, և յուրաքանչյուր մեկ֊երկու րոպեն մեկ անգամ իմ մարմնում ինչ֊որ տեղ լսվում էր ցածրաձայն շրխկոց, և ես հասկանում էի, որ այդ պահին ջարդված ոսկրի երկու ծայրերը հաջողությամբ միանում են։ Թեթևակի խուլ շրխկոցը, ճռճռոցը, կրճտոցը և թխթխկոցը չէին դադարում հաջորդ երեք ժամվա ընթացքում, հետո ամեն ինչ լռեց, ջարդված բոլոր ոսկորները սերտաճեցին։ Մնացին միայն հոդախախտումները, դրանք յոթն էին ու ոչ ավելի՝ ազդրերի, ուսերի, ծնկների և վզի, այնպես որ դրանց հաշիվը շուտով մաքրվեց՝ դրանք մեկը մյուսի հետևից խուլ շրխկոցով սահում ընկնում էին իրենց տեղը, ասես ինչ֊որ տեղ խցան էր դուրս թռչում, և ես ոտքի ցատկեցի ամբողջովին նորացած, առանց մի վնասվածքի՝ եթե խոսքը վերաբերում է կմախքին, և մարդ ուղարկեցի ձիաբույժի հետևից։
Ես հարկադրված էի այդ բանն անել հարբուխի և ստամոքսացավերի պատճառով․ մտադիր չէի դրանք նորից վստահել այդ կնոջը, որին չէի ճանաչում, և հասարակ հիվանդություններ բուժելու նրա ընդունակության նկատմամբ վերջնականապես հիասթափված էի։ Դրա համար ունեի ծանրակշիռ հիմքեր․ չէ որ հարբուխը և ստամոքսացավերը նրան էին վստահված հենց սկզբից այնպես, ինչպես որ ջարդվածքները, բայց նա մազաչափ անգամ չթեթևացրեց այդ ցավերը, ընդհակառակը, ստամոքսս ավելի ու ավելի ուժեղ էր ցավում, ցավերն ավելի սաստիկ էին ու անտանելի, հիմա թերևս այն պատճառով, որ ես արդեն քանի ժամ ոչինչ չէի կերել ու խմել։
Եկավ ձիաբույժը, շատ սիրալիր մի մարդ, որը լի էր հիվանդի նկատմամբ հոգատարությամբ ու մասնագիտական հետաքրքրությամբ։ Ինչ վերաբերում է հոտին, որ բուրում էր նրանից, ապա դա բավականաչափ սուր էր․ ճիշտն ասած, նրանից ախոռի հոտ էր գալիս, և ես փորձեցի տեղնուտեղը նրա հետ պայմանավորվել հեռակա բուժման մասին, բայց երբ տեսա, որ դա նրա մասնագիտությունը չէր, քաղաքավարությունից դրդված, չպնդեցի։ Նա զննեց ատամներս, շոշափեց կոճերս և հայտարարեց, որ տարիքս և ընդհանուր վիճակս իրեն թույլ են տալիս դիմելու եռանդուն միջոցների, ուստի նա ինձ կտա որոշ բաներ, որպեսզի ստամոքսիս ցավը վերածի դաբաղի, իսկ հարբուխս՝ պտուտախտի․ այն ժամանակ նա իր տարերքի մեջ կլինի, և ինձ բուժելը նրա համար կլինի ամենահեշտ բանը։ Նա փոքրիկ լագանի մեջ թեփաշիլա լցրեց և ասաց, որ դրա մի լրիվ շերեփը, սկիպիդարից և անվայուղից պատրաստված դեղախառնուրդի հետ միասին, յուրաքանչյուր երկու ժամը մեկ մեջընդմեջ ընդունելու դեպքում կա՛մ քսանչորս ժամվա ընթացքում իմ միջից դուրս կմղի հիվանդությունը, կա՛մ կառաջացնի այլ կարգի զանազան զգացողություններ, որոնք ինձ կստիպեն մոռանալ հիվանդություններս։ Առաջին դեղաքանակը նա տվեց ինձ անձամբ, իսկ հետո գնաց, հրաժեշտի ժամանակ ասելով, որ ես կարող եմ ուտել ու խմել ինչ որ կամենամ և ուզածս քանակությամբ։ Բայց ես այլևս սոված չէի, և սնունդը ինձ չէր հետաքրքրում։
Ես վերցրի տիկին Ֆուլերի թողած Քրիստոնեական գիտության մասին գիրքը ու կարդացի կեսը։ Հետո խմեցի մի լիքը շերեփ դեղախառնուրդ և շարունակեցի կարդալ մինչև վերջ։ Դրանից հետո իմ վերապրածը շատ հետաքրքիր էր և լի անսպասելի հայտնագործումներով։ Մինչ իմ մեջ կատարվում էր ցավերը դաբաղի, իսկ հարբուխը պտուտախտի փոխարկվելու պրոցեսը՝ դրան ուղեկցող ղռղռոցով, ֆշշոցով, ցնցումներով ու կլկլոցով, ես ամբողջ ժամանակ զգում էի առաջնության համար մղվող լարված պայքարը ջրախառն կերի, հեղուկ դեղախառնուրդի ու գրականության միջև, ըստ որում հաճախ չէի կարողանում ճշգրտորեն որոշել, թե որն է հաղթում և հեշտությամբ տարբերում էի գրականությունը մյուս երկուսից միայն այն ժամանակ, երբ սրանք անջատ֊անջատ էին, այլ ոչ թե միախառնված, որովհետև թեփից պատրաստված ջրախառն կերի և էկլեկտիկ դեղախառնուրդի միացությունը երկու կաթիլ ջրի պես նման է ալեկոծված Անվիճարկելիի սկզբունքին, և աշխարհում դրանք ոչ ոք չէր կարողանա տարբերել միմյանցից։ Վերջապես, բանը հասավ վախճանին, բոլոր էվոլյուցիաները ավարտվեցին լիակատար հաջողությամբ, բայց ես կարծում եմ, որ այդ արդյունքը ձեռք կբերվեր նաև նյութերի պակաս ծախսումներով։ Ջրախառն կերը, հավանաբար, անհրաժեշտ էր ստամոսքսային ցավերը դաբաղի վերափոխելու համար, բայց ես հավատացած եմ, որ պտուտախտ հեշտությամբ կարելի էր ստանալ հենց միայն գրականությունից, և որ այդ ճանապարհով ստացված պտուտախտն ավելի լավորակ ու ավելի կայուն կլիներ, քան մեկ ուրիշը, որ կստացվեր ձիաբույժի արհեստական եղանակներով։
Որովհետև բոլոր տարօրինակ, անմիտ, անհասկանալի և անբացատրելի գրքերից, որ ստեղծվել են մարդու երևակայությամբ, առաջնության դափնին, անկասկած, պատկանում է այս գրքին։ Այն գրված է անսահման ինքնավստահության և ինքնագոհության ոգով, իսկ նրա թափը, նրա ավյունը, նրա անդրդվելի լրջությունը հաճախ ստեղծում են պերճախոսության պատրանք նույնիսկ այն ժամանակ, երբ բառերի մեջ դուք իմաստի նշույլ անգամ չեք գտնի։ Կան շատ մարդիկ, որոնք երևակայում են, թե այդ գիրքը իրենց համար հասկանալի է․ ես այդ գիտեմ, որովհետև զրուցել եմ նրանց հետ, բայց բոլոր դեպքերում այդ նույն մարդիկ երևակայում էին, որ ցավ, հիվանդություն և մահ չկա բնության մեջ և որ աշխարհում առհասարակ չկան իրական բաներ՝ փաստորեն գոյություն չունի ոչինչ, բացի Ոգուց։ Այս հանգամանքը որոշ չափով գցում է նրանց կարծիքի արժեքը։ Երբ այդ մարդիկ խոսում են Քրիստոնեական գիտության մասին, վարվում են այնպես, ինչպես տիկին Ֆուլերը, արտահայտվում են ոչ թե իրենց բառերով, այլ գրքի լեզվով․ նրանք ձեր գլխին տեղում են տպավորիչ անհեթեթություններ և միայն հետագայում եք նկատում, որ այդ ամենը իրենց հորինածը չէ, այլ պարզապես ծաղկաքաղ է․ թվում է, թե այդ փոքրիկ հատորը նրանք անգիր գիտեն, և դրան վերաբերվում են ակնածանքով, ինչպես սրբության, ես կասեի՝ ինչպես երկրորդ Աստվածաշնչի։ Այդ գիրքը գրվել է բացահայտորեն Երրորդ աստիճանի պատճառած մտավոր ամլացման փուլում, և ես հավատացած եմ, որ ոչ ոք, բացի այդ աստիճանում գտնվողներից, չէր կարողանա այնտեղ հայտնաբերել թեկուզ մի կաթիլ իմաստ։ Երբ այն կարդում եք, թվում է, թե լսում եք բուռն, խորտակիչ, մարգարեական ճառ՝ անհասկանալի լեզվով, դուք ըմբռնում եք նրա ոգին, բայց ոչ այն, ինչի մասին այնտեղ ասվում է։ Կամ էլ այսպես․ ձեզ թվում է, թե լսում եք ինչ֊որ ուժգին փողային գործիքի նվագ․ այն ոռնում է, ենթադրելով, թե դա մեղեդի է, իսկ նրանք, ովքեր նվագախմբում չեն նվագում, լսում են պարզապես մարտաշունչ փողային հնչյուն, ըստ որում այդ կոչը միայն գրգռում է հոգին, բայց նրան ոչինչ չի ասում։
Այն անխռով ինքնագոհությունը, որով ներծծված է այդ գիրքը, կարծես թե բուրում է աստվածային ծագումով, այն առնչված չէ երկրային ոչ մի բանի հետ։ Հասարակ մահկանացուին հատուկ չէ այդպիսի անհողդողդ համոզմունքն ամեն ինչում, այդպիսի անսահման գերազանցության զգացումը, այդպիսի անխոհեմ ինքնահիացումը։ Երբեք չներկայացնելով որևէ բան, որ իրավամբ կարելի լիներ անվանել «ապացույց» ծանրակշիռ բառով, իսկ երբեմն էլ բնավ ոչինչ չվկայակոչելով և ոչ մի բանի վրա չհիմնելով իր հետևությունները, այն բարձրաձայն ազդարարում է՝ ԵՍ ԱՊԱՑՈԻՑԵԼ ԵՄ այս ու այս։ Աստվածաշնչի դեռևս չմեկնաբանված որևէ հատվածի իմաստը գտնելու և պարզաբանելու համար հարկավոր է պապի և նրա եկեղեցու բոլոր սյուների հեղինակությունը, հարկավոր է ժամանակի, աշխատանքի և մտորումների վիթխարի ծախսում, բայց հեղինակն այդ ամենից բարձր է, նա տեսնում է ամբողջ Աստվածաշունչը կուսական վիճակում և ժամանակի աննշան ծախսումով ու մտավոր ջանքերի առանց որևէ ծախսման մեկնաբանում է այն ծայրից ծայր, փոփոխում և ուղղում է նշանակությունները, իսկ այնուհետև դրանք հեղինակավոր կերպով պարզաբանում է, ձեռնածություններ անելով նույն կարգի բանաձևերով, ինչպես՝ «Եղիցի լույս։ Եվ եղավ լույս»։ Աշխարհի արարչագործման ժամանակից ի վեր առաջին անգամ դաշտերի, ծովերի ու շեների վրա որոտաց այդ կատարյալ ինքնագոհ, անպատկառ ու անառարկելի ձայնը։
{{ԵրեքԱստղ}}
Հունվար, 1903: Նոր և արտասովոր տերմինաբանությամբ ամեն մի գիրք առաջին ընթերցման դեպքում համարյա հաստատապես ընթերցողին թողնում է ոգու խռովահույզ ու սարկաստիկ վիճակում։ Բայց հիմա, երբ վերջին երկու ամսվա ընթացքում ես ջանասիրությամբ ուսումնասիրեցի «Գիտության և առողջության» հատուկ բառարանը, այլևս այդ գրքի էությունը դժվար չեմ համարում հասկանալու համար։
Հ․Գ։ Այն իմաստնությունը, որ ես քաղեցի վերոհիշյալից, արդեն ինձ ծառայություն մատուցել է և մի անգամ փրկել անախորժությունից։ Մոտ մեկ ամիս սրանից առաջ ես մի համալսարանից ստացա դոկտոր Էդվարդ Էնտոնի Շպիտցկայի «Տարբեր ռասաների ուղեղի անատոմիան» աշխատությունը։ Մտածեցի, թե համալսարանի համար ցանկալի է ստանալ իմ կարծիքն ու աշխատության մասին, խիստ շոյված էի ինձ արժանացրած ուշադրության համար և պատասխանեցի, որ ամենամոտ ժամանակում կարծիքս կներկայացնեմ։ Նույն երեկոյան թողեցի հոգնեցուցիչ թափառումները Քրիստոնեական գիտության թավուտներում և գործի անցա։ Գրեցի մի հուզիչ գլուխ և որոշեցի կարծիքս ավարտել հաջորդ օրը, բայց այնպես պատահեց, որ հարկադրված եղա մեկ շաբաթ բացակայել, և շուտով ինձ գրավեցին միանգամայն այլ գործեր։ Ու միայն այսօր, համարյա մեկամսյա ընդմիջումից հետո, կրկին անդրադարձա ուղեղի վերաբերյալ իմ գրավոր կարծիքին։ Այդ ժամանակամիջոցում ես ձեռք էի բերել նոր իմաստնություն, և ամբողջ գրածս վերակարդացի խիստ ամոթի զգացումով։ Զգացի, որ աշխատանքը սկսել եմ ամենևին էլ ոչ այն տրամաբանությամբ, ինչպես հարկավոր էր, բնավ ոչ այն հանգիստ ու անաչառ հոգեվիճակում, որին այն միանգամայն արժանի էր։ Որպես մերան քննության առա հետևյալ պարբերությունը․
<b>«Ուղեղի պարիստալ և օկցիպիտալ բլթերի ակոսները (կողմնային մակերես)։ Հետկենտրոնական համալիր։</b> ― Կիսագնդում հետկենտրոնական և ենթակենտրոնական ակոսները միանում են, որպեսզի կազմեն 8,5 սմ երկարությամբ անընդհատ ակոս։ Թիկնայնորեն ակոսը երկատվում է, գոյացնելով հիրուս, որը դրսևորում է հարկենտրոնական ակոսի վերջնամասում։ Հարկենտրոնական ակոսի վերջնամասին մոտենում է անդրապարիետալ գալարը։ Միացյալ ակոսից ընդամենը սկիզբ է առնում հինգ ճյուղավորում։ Մի վադումը դա բաժանում է պարիետայից, մյուս վադումը՝ կենտրոնականից»։
Որքան խղճուկ եմ զգում ինձ այժմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է այն ժամանակ այդ տարբերությունը բորբոքել ինձ և ինչպիսի արհամարհանքով եմ ես դրա մասին գրել։ Ես գրել էի, որ հեղինակի ոճը սարսափելի է՝ դժվարըմբռնելի, քաոսային, ժամանակ առ ժամանակ անզուսպ․ որ հարցը մեկնաբանվում է խճճված ձևով ու ոչ ճիշտ, իսկ դա կարող է ընթերցողին միայն փակուղու առջև կանգնեցնել, որ պարզության պակասը կրկնապատկվում է բառապաշարի աղքատությամբ․ որ հեղինակն իր զգացումներն արտահայտելու չափը չի ճանաչում․ որ, եթե ես ունենայի մի շուն, որ այդպիսի գրգռված ու խառնաշփոթ վիճակի մեջ ընկներ գլխուղեղի անատոմիայի նման մի խաղաղ առարկայի առիթով, այլևս նրա համար հարկ չէի վճարի, և այստեղ ինքս էլ զայրացա ու խիստ արտահայտությունների մի շարան տեղացի այդ ամբողջ շնային անհեթեթությունների առթիվ և հայտարարեցի, որ նույնպիսի հաջողությամբ կարելի է փորձել հասկանալու «գիտությունը և առողջությունը»։
Հիմա արդեն գիտեմ, թե ինչն ինձ անհարմար կացության մեջ դրեց, և ուրախ եմ այն ընդմիջման համար, որն ինձ խանգարեց գրավոր կարծիքս ուղարկել համալսարան։ Մարմնովս սարսուռ է անցնում, երբ հիշում եմ, թե այնտեղ ինչ կմտածեին իմ մասին։ ― Ծան հեղինակի։
===Գլուխ չորրորդ===
Ոչ ոչ չի տարակուսում, որ ոգին մարմնի վրա հսկայական ազդեցություն է գործում․ ես ևս դրանում հավատացած եմ։ Հին ժամանակներից ի վեր կախարդը, երազահանը, գուշակողը, հեքիմը, շառլատանը, ինքնուս բուժակը, կրթված բժիշկը, ոգեկոչողն ու հիպնոսողն իրենց պրակտիակայում օգտագործել են <b>հիվանդի երևակայությունը։</b> Նրանք բոլորն ընդունել են այդ ուժի առկայությունն ու զորությունը։ Բժիշկները շատ հիվանդների ապաքինում են հացի հաբերով․ նրանք գիտեն, որ այնտեղ, որտեղ հիվանդությունն առաջացել է երևակայության հետևանքով, բժշկի նկատմամբ հիվանդի հավատը հացի հաբերին էլ բուժիչ հատկություն կշնորհի։
<b>Հավատ բժշկի նկատմամբ։</b> Թերևս, ամբողջ բանն էլ հենց այդ է։ Այո՛, կարծես թե այդպես է։ Մի ժամանակ միապետը խոցերը բուժում էր թագավորական ձեռքի մեկ հպումով։ Հաճախ նա զարմանալի ապաքինումներ էր կատարում։ Կարո՞ղ էր, արդյոք, այդ բանն անել։ Կարծում եմ, որ մենք չպետք է դրանում տարակուսենք։ Կարծում եմ, մենք կարող ենք միանգամայն հավատացած լինել, որ ամեն դեպքում ապաքինում էր ոչ թե թագավորի ձեռքի հպումը, այլ հիվանդի հավատը այդ հպան հրաշագործ ազդեցության նկատմամբ։ Իսկական ու հիանալի ապաքինումները կատարվում էին սուրբ մասունքների օգնությամբ։ Մի՞թե չի կարելի ենթադրել, որ ցանկացած այլ ոսկորներն էլ հիվանդի վրա կներգործեն ճիշտ նույն կերպ, եթե նրանից թաքցնեին, որ դրանք իսկականը չեն։ Երբ փոքր տղա էի, մեր քաղաից հինգ մղոնի վրա ապրում էր մի ֆերմերուհի, որը հռչակված էր որպես հավատով բուժող․ նա իրեն այդպես էր անվանում։ Տառապյալներն ամբողջ շրջակայքից անվերջ հոսանքով գնում էին նրա մոտ, նա ձեռքը դնում էր նրանց վրա և ասում․ «Հավատա՛, դա այն ամենն է, ինչ քեզ հարկավոր է», և նրանք հեռանում էին, մոռանալով իրենց հիվանդությունը։ Նա կրոնամոլ կին չէր և հավակնություն չուներ տիրանալու ինչ֊որ գերբնական ապաքինող ուժի։ Նա խոստովանում էր, որ ապաքինողը հիվանդի հավատն է նրա նկատմամբ։ Մի քանի անգամ նա իմ ներկայությամբ ակնթարթորեն վերացրել է սաստիկ ատամնացավը, ըստ որում բուժվողը իմ մայրն էր։ Ավստիայում կա մի գյուղացի, որն այդ արհեստով հիմնել է մի ամբողջ առևտրական գործ և բուժում է թե՛ հասարակ մարդկանց և թե՛ անվանիներին։ Ժամանակ առ ժամաակ նրան բանտ են նստեցնում, որ չունենալով դիպլոմ, մարդկանց բուժմամբ է զբաղվում, բայց երբ նա բանտից դուրս է գալիս, նրա գործն առաջվա նման ծաղկում է, որովհետև անվիճելիորեն հաջող է բուժում, և նրա համբավը չի նվազում։ Բավարիայում մի մարդ կա, որն այնքան մեծ թվով հիվանդների է ապաքինել, որ հարկադրված է եղել թողնել թատերական հյուսնի իր մասնագիտությունը, որպեսզի բավարարի հիվանդների հարաճուն պահանջը։ Տարեցտարի նա գործում է իր հրաշքները և արդեն հարստացել է։ Նա ցույց չի տալիս, թե իրեն օգնում են կրոնը կամ ինչ֊որ անդրշիրիմյան ուժեր․ պարզապես, ինչպես ինքն է գտնում, նրա մեջ մի բան կա, որը հիվանդներին վստահություն է ներշնչում, ամբողջ բանը այդ վստահությունն է, այլ ոչ թե իրենից բխող ինչ֊որ խորհրդավոր ուժ։
{{ԵրեքԱստղ}}
Հունվար, 1903։ Ինձ անձամբ լավ հայտնի է մի «հրաշք»՝ ապաքինում անդամալուծությունից, որն ամբողջ երկու տարի հիվանդին գամել էր անկողնուն, չնայած Նյու Յորքի լավագույն բժիշկների բոլոր ջանքերին։ Մի թափառաշրջիկ «շառլատան» (այդպես էին նրան կոչում) հիվանդին այցելեց ընդամենը երկու առավոտ, նա հիվանդ կնոջը բարձրացրեց անկողնուց ու ասաց․ «Գնա՛»։ Եվ հիվանդը գնաց։ Դրանով էլ ամեն ինչ վերջացավ։ Դա քառասուներկու տարի սրանից առաջ էր։ Ու այդ ժամանակվանից հիվանդը քայլում է։ ― Ծան․ հեղինակի։
Վերջին քառորդ դարում Ամերիկայում երևան են եկել զանազան անուններով մի քանի բժշկական աղանդներ և դրանք բոլորն էլ զգալի հաջողություն ունեն առանց դեղերի օգտագործման հիվանդությունները բուժելու գործում։ Դրանց թվում են Ոգեբուժումը, Հավատաբուժումը, Աղոթքաբուժումը, բուժումը Հոգեկան գիտությամբ և բուժումը Քրիստոնեական գիտությամբ։ Եվ միանգամայն տարակուսելի է, որ դրանք բոլորն էլ հրաշքներ են գործում միևնույն հին, ամենազոր միջոցի՝ հիվանդի երևակայության օգնությամբ։ Անունները տարբեր են, թեև բուժման եղանակի մեջ ոչ մի տարբերություն չկա։ Սակայն աղանդները պատշաճը չեն մատուցում այդ միջոցին, յուրաքանչյուրը հայտարարում է, թե բուժման իր եղանակը տարբերվում է մյուս բոլորի եղանակներից։
Նրանք բոլորը կարող են պարծենալ ապաքինման առանձին դեպքերով․ դրանում վիճելու հարկ չկա։ Հավատաբուժումը և Աղոթքաբուժումը, երբ դրանք օգուտ չեն բերում, թերևս, վնաս էլ չեն պատճառում, որովհետև հիվանդին չեն արգելում դիմելու դեղորայքի օգնությանը, եթե նա այդ ցանկանա, իսկ մյուսները դեղորայքն արգելում են և հայտարարում, թե իրենք ընդունակ են բուժելու մարդու ամեն մի հիվանդություն, ինչպիսին միայն գոյություն ունի երկրի երեսին, գործադրելով միայն հոգևոր միջոցներ։ Այստեղ, ըստ իս, կա վտանգի տարր։ Կարծում եմ, որ նրանք չափից դուրս շատ են ինքնավստահ։ Հասարակության վստահությունը, թերևս, ավելի կուժեղանար, եթե նրանք ավելի համեստ պահեին իրենց։
Քրիստոնեական գիտության քարոզչուհին չկարողացավ բուժել ստամոքսիս ցավերն ու հարբուխը, բայց ձիաբույժին դա հաջողվեց։ Սա ինձ համոզում է, որ Քրիստոնեական գիտությունը չափից դուրս շատ է ինքնավստահ։ Կարծում եմ, որ նա պետք է ներքին հիվանդություններին հանգիստ թողնի և սահմանափակվի վիրաբուժությամբ։ Այստեղ նա կկարողանար ծավալվել, գործելով իր եղանակներով։
Ձիաբույժն ինձանից պահանջեց երեսուն կրեյցեր, և ես վճարեցի ավելին, կրկնապատկեցի նրա գումարը և տվեցի մեկ շիլլինգ։ Տիկին Ֆուլերը մի երկար հաշիվ էր ուղարկել մեկ արկղ ոսկորների համար, որոնք նորոգվել էին երկու հարյուր երեսունչորս տեղում՝ յուրաքանչյուր ջարդվածքի համար մեկ դոլար։
― Բացի Ոգուց, ոչինչ գոյություն չունի՞։
― Ոչի՛նչ, ― պատասխանեց նա։ ― Մնացած ամեն բան անէական է, մնացած ամեն բան երևակայական է։
Ես նրան տվեցի երևակայական չեկ, իսկ հիմա նա ինձ հետապնդում է դատարանի միջոցով, պահանջելով էական դոլարներ։
Որտե՞ղ է տրամաբանությունը։
==Մորմոնները==
(«Առանց բեռի» գրքից)
Մի քառասուն րոպե հետո այն կայանում, որտեղ փոխում էին մեր ձիերը, ընթրիքի հրավիրվեցինք մորմոնյան «վրիժառու հրեշտակի» մոտ։ Որքան ինձ հայտնի է, «վրիժառու հրեշտակները մեր օրերի սրբերն» են, ինչպես իրենց անվանում են մորմոնները, որոնց վրա մորմոնյան եկեղեցին մշտական հոգատարություն է դրել բնաջնջելու անցանկանալի քաղաքացիներին։ Ես անչափ շատ էի լսել այդ ահեղ «հրեշտակների» և նրանց արյունալի մութ գործերի մասին, և սարսուռով մտա այդ մորմոնի տունը, որտեղ պետք է ընթրեինք։ Բայց ավա՜ղ, հակառակ մեր ռոմանտիկական պատրանքներին, նա ճղճղան ու գռեհիկ անպատկառի և զազրախոսի մեկն էր։ Կարող է պատահել, որ նա բավականաչափ արյունարբու էր և լիովին արդարացնում էր «վրիժառուների» անունը, բայց հնարավո՞ր է, արդյոք, որ հրեշտակի, թեկուզև վրիժառու հրեշտակի մեջ, ազնվության նշույլ անգամ չլինի։ Կարելի՞ է, արդյոք, հաշտվել կեղտոտ վերնաշապիկով ու առանց շալվարակալների հրեշտակի հետ։ Կարելի՞ է, արդյոք, հարգել մի հրեշտակի, որը ձիու նման խրխնջում է և ծովահենի նման պարծենում։
Այնտեղ կային նաև ուրիշ անպարկեշտ անձնավորություններ՝ մեր տանտիրոջ եղբայրակիցները։ Նրանց մեջ ջենտլմենական արտաքինով ու վարքագծով աչքի էր ընկնում միայն մեկը՝ Հիբերի որդի Ք․ Քիմբելան, երեսունին մոտ մի բարձրահասակ, բարեկազմ երիտասարդ։ Բազմաթիվ փնթի կանայք, աճապարանքով վազվզում էին սենյակում՝ ձեռքներին սրճամաններ, կտրտած հաց և ընթրիքի այլ պարագաներ։ Մեզ ասացին, որ դրանք տանտիրոջ կանայք են՝ եթե ոչ բոլորը, ապա մի քանիսը։ Դա, իհարկե, հենց այդպես էլ էր, որովհետև եթե նրանք աղախիններ լինեին, իրենց հասցեին չէին հանդուրժի հայհոյանքի ու զազրախոսության այդպիսի տարափ անգամ երկնային հրեշտակի կողմից, առավել ևս այդ դժոխքի ծնունդի։
Այսպիսին էր մեր առաջին ծանոթությունը Արևմուտքի այդ «յուրատեսակ ինստիտուտի» հետ, և պետք է ասել, որ դա մեզ այնքան էլ դուր չեկավ։ Մենք չփորձեցինք առանձնապես զննել այն, այլ շտապ ուղևորվեցինք «մեր օրերի սրբերի» կացարանը, մարգարեների միջնաբերդը, Ամերիկայում միակ բացարձակ միապետության մայրաքաղաքը՝ Աղի լճի քաղաքը։ Երբ գիշերը վրա հասավ, ապաստարան գտանք «Աղի լիճ» հյուրանոցում և արձակեցինք մեր կապկպած իրերը․․․
Սոլթ Լեյք սիթիում մնացինք ընդամենը երկու օր, և այդ պատճառով էլ չհասցրինք հարկ եղածին պես խորանալ բազմակնության համակարգի մեջ, հավաքել համապատասխան փաստական տվյալներ և անել անհրաժեշտ հետևություններ, որպեսզի այնուհետև մի ավելորդ անգամ ամբողջ ազգի ուշադրությունը հրավիրենք այդ հարցի վրա։ Ես շատ էի ուզում այդ բանն անել։ Անձնապաստան երիտասարդի ողջ ավյունով փափագում էի հախուռն կերպով մարտի նետվել և մեծ հաղթանակ տանել, քանի դեռ չէի տեսել մորմոն կանանց։ Տեսա և փափկեցի։ Իմ սիրտը մտքիցս ավելի իմաստուն գտնվեց։ Այն լցվեց կարեկցանքով դեպի այդ թշվառ, անճոռնի ու խղճալիորեն տգեղ արարածները և, շրջվելով, որպեսզի թաքցնեի աչքերս խոնավացրած արցունքները, ինքս ինձ ասացի․ «Ո՛չ։ Այն տղամարդը, որը դրանցից մեկին կնության է վերցնում, հանդես է բերում քրիստոնեական գթասրտություն և արժանի է ոչ թե խիստ դատապարտման, այլ ամբողջ մարդկության անկեղծ գովասանքին, իսկ նա, ով դրանցից վաթսունին է կնության վերցնում, այնքան բարձր ու անշահախնդիր անձնազոհություն է կատարում, որ երկրագնդի ժողովուրդները պետք է գլխարկները հանեն և երկյուղած լռությամբ խոնարհվեն նրա առջև»։<ref>Մորմոնների համառոտ պատմությունը և «Լեռնային մարգագետնում տեղ ունեցած կոտորածի» մասին հոդվածը տես Ա․ և Բ․ հավելվածներում։ ― Ծան․ հեղինակի։</ref>
==Գլուխ XV==
Հեթանոսական որջը։ Խոսակցություններ բազմակնության մասին։
Թոռնիկը և տատիկը։ Հավանոց պաշտոնաթող կանանց համար։
Երեխաներին պետք է խարանել։ Հայրական հոգատարություն ընկեցիկների նկատմամբ։ Ընտանեկան մահճակալ։
Ուրիշ որտե՞ղ կլսեք այդքան գրավիչ պատմություններ անհնազանդ հեթանոսներին կոտորելու մասին։ Դժվար է պատկերացնել ավելի հարմարավետ որևէ բան, քան այն երեկոն, որ մենք անցկացրինք Սոլթ Լեյք սիթիում, հեթանոսներից մեկի որջում, ծխամորճ ծխելով և լսելով այն պատմությունը, թե ինչպես է Բերթոնը ձիով մխրճվել գթություն հայցող անպաշտպան մարդկանց բազմության մեջ և ատրճանակով շանսատակ արել տղամարդկանց ու կանանց։ Եվ թե ինչպես է «վրիժառու հրեշտակ» Բիլ Հիմկենը գնդակահարել Դրաունին ու Առնոլդին այն բանի համար, որ նրանք դատարանի միջոցով սրանից պահանջել էին վճարել իր պարտքը։ Եվ թե ինչպես է Պորտեր Ռոքուելը կատարել իր սարսափելի գործերը։ Եվ թե ինչպես միամիտ մարդիկ, գալով Յուտա, երբեմն վատ են արտահայտվում Բրիգեմ Յունգի, կամ բազմակնության, կամ նույնքան սրբազան մեկ ուրիշ բանի մասին, և արդեն առավոտյան նրանց գտնում են մի որևէ խուլ նրբանցքում գետնին փռված, որտեղ նրանք համբերատար սպասում են դիակառքին։ Ոչ պակաս հետաքրքրիր է լսել հեթանոսների խոսակցությունները բազմակնության մասին․ այստեղ կարելի է իմանալ, թե ինչպես հաստափոր մի խոզ, տոհմավագ կամ եպիսկոպոս, ամուսնացել է մի դեռահաս աղջկա հետ, և դա նրան դուր է եկել, ամուսնացել է նրա քրոջ հետ՝ դուր է եկել, ամուսնացել է երրորդ քրոջ հետ՝ դուր է եկել, ամուսնացել է նրա մոր հետ՝ դուր է եկել, ամուսնացել է նրա հոր, պապի, նախապապի հետ, իսկ հետո, չկշտանալով, նորից է հայտնվել ու էլի է խնդրել։ Եվ թե ինչպես հաճախ տասմեկամյա մի կայտառ աղջնակ դառնում է սիրված կին, իսկ նրա սեփական հարգարժան տատիկը իրենց ընդհանուր ամուսնու աչքում ընկնում է մինչև վերջին տարակարգը և քնելու է ուղարկվում խոհանոց։ Եվ թե ինչպես են մորմոն կանայք հանդուրժում այնպիսի մի խայտառակ իրավիճակ, երբ մայրն ու աղջիկները իրար գլխի թափած են մի նեխած բնի մեջ, և երիտասարդ աղջիկը տարակարգով հարազատ մորից բարձր է ու ավելի մեծ իշխանություն ունի, որ նրանց դավաբանության համաձայն մարդը երկրի երեսին ինչքան ավելի շատ կին ունի և ինչքան ավելի շատ երեխաներ է մեծացնում, այնքան ավելի բարձր տեղ է նրանց բոլորի համար պատրաստված ապագա կյանքում, գուցե ոչ այնքան բարձր, որքան թեժ, բայց այդ մասին նրանք ոչինչ չեն ասում։
Մեր հեթանոս բարեկամների ասելով, Բրիգեմ Յունգի հարեմում կա քսանից երեսուն կին։ Նրանցից ոմանք, իբր թե, հասել են զառամյալ հասակի և արձակվել իսկական ծառայությունից, բայց նրանք լավ ապահովված են և լիակատար հարմարավետությամբ ապրում են իրենց հավաբնում, կամ «Առյուծի տանը», ինչպես որ այն, չգիտես թե ինչու, անվանում են։ Յուրաքանչյուր կնոջ հետ ապրում են նրա երեխաները, ընդհանուր առմամբ հիսուն երեխա։ Երբ երեխաները չեն աղմկում, տանը տիրում է լռություն և կարգուկանոն։ Բոլոր տնեցիները ուտում են մի սենյակում, և, ասում են, թե այդպիսի հացկերույթը ընտանեկան շրջանակում խաղաղ երջանկության օրինակ կարող է ծառայել։ Մեզանից ոչ մեկին չվիճակվեց ճաշել պարոն Յունգի մոտ, բայց Ջոնսոն ազգանունով մի հեթանոս պնդում էր, թե ինքը մի առիթով բավականություն է ունեցել նախաճաշելու «Առյուծի տանը»։ Նա մեզ վառ գույներով նկարագրեց «անվանականչն» ու նախնական մյուս արարողությունները, ինչպես նաև այն արյունալի մարտը, որը տեղի էր ունեցել, երբ մատուցել էին հնդկացորենի յուղաբլիթներ։ Բայց նա, անտարակույս, գունազարդում էր։ Եթե հավատանք նրա պատմածին, պարոն Յունգը կրկնել է իր «երկամյակներից» ոմանց պատկանող մի քանի սուր բառեր, ըստ որում ոչ առանց հպարտության նշելով, որ արդեն շատ տարիների ընթացքում ինքն այդ կարգի նյութ է մատակարարում արևելյան նահանգներում հրատարկվող մի հանդեսի․ հետո նա ցանկացել էր պարոն Ջոնսոնին ցույց տալ այն երեխային, որը ասել էր վերջին հաջող սրախոսությունը, բայց ոչ մի կերպ չէր կարողանում նրան գտնել։ Նա երկար ժամանակ զննել է երեխաների դեմքերը, բայց ապարդյուն։ Ի վերջո, հրաժարվել էր իր մտադրությունից և հոգոց հանելով ասել․ «Կարծում էի կճանաչեմ այդ չարաճճիին, բայց տեսեք, որ ոչ, չճանաչեցի»։
Հետո, Ջոնսոնի պատմելով, պարոն Յունգն ասել է, թե կյանքը տխուր, շատ տխուր բան է, «որովհետև ամեն անգամ, երբ մարդ նորից է ամուսնանում, նրա ուրախությունը սովորաբար դառնացնում է նախորդ կանանցից մեկի սրտնեղիչ թաղումը»։ Ու Ջոնսոնը նաև պատմում էր, որ մինչ իրենք պարոն Յունգի հետ սիրալիր զրուցելիս են եղել, հայտնվել է նրա կանանցից մեկը և պահանջել ինչ֊որ կրծքազարդ, ասելով, որ, ինչպես իրեն հաջողվել է իմանալ, նա կրծքազարդ է նվիրել վեցերորդ համարին, և թող չկարծի, թե այդպիսի աղաղակող անարդարությունը նրա համար անպատիժ կմնա։ Պարոն Յունգը նրան հիշեցրել է կողմնակի մարդու ներկայության մասին։ Տիկին Յունգը պատասխանել է, որ եթե կողմնակի մարդուն դուր չեն գալիս իրենց տան կարգերը, նա կարող է դուրս կորչել։ Պարոն Յունգը խոստացել է կրծքազարդ տալ, և նա հեռացել է։ Բայց մեկ րոպե անց եկել է մյուս տիկին Յունգը և նույնպես կրծքազարդ է պահանջել։ Պարոն Յունգն ուզեցել է ամոթանք տալ նրան, բայց տիկին Յունգը կես խոսքից ընդհատել է նրան։ Նա ասել է, թե համար վեցը կրծքազարդ է ստացել, իսկ համար տասնմեկին այն խոստացված է, և «թող նա խույս չտա, իր իրավունքներն ինքը գիտի»։ Նա խոստացել է, և կինը հեռացել է։ Եվս մեկ րոպե անց ներկայացել են երեք կանայք, և պարոն Յունգի գլխին պայթել է արցունքների, կշտամբանքների ու համառ խնդրանքների մի փոթորիկ։ Իրենց, իբր, արդեն ամեն բան հայտնի է համար վեցի, համար տասնմեկի և համար տասնչորսի մասին։ Պարոն Յունգը խոստացել է նվիրել ևս երեք կրծքազարդ։ Նրանք դեռ չհեռացած, սենյակ են մտել ևս ինը կանայք, նոր փոթորիկ է պայթել մարգարեի ու նրա հյուրի գլխին։ Եվս ինը կրծքազարդ է խոստացվել, և մարտաշունչ կանայք ետ են գնացել։ Այնուհետև հայտնվել են ևս տասնմեկ կանայք՝ լացով, ոռնոցով և ատամների կրճտոցով։ Եվ նորից խաղաղությունը վերականգնվել է կրծքազարդեր խոստանալու գնով։
Ահա ձեզ ակներև օրինակ, ― ասել է Յունգը։ ― Ինքներդ եք տեսնում, թե ինչ է ստացվում։ Կարող եք դատել, թե ինչ է իմ կյանքը։ Մարդ չի կարող միշտ խելամտորեն վարվել։ Մի պահ մոռացության մեջ ընկնելով, ես թեթևամիտ արարք թույլ տվեցի․ իմ սիրելի համար վեցին (ներեցեք, որ ես նրան այդպես եմ անվանում․ նրա մյուս անունը գլխիցս թռավ) կրծքազարդ նվիրեցի։ Այն արժեր ընդամենը քսանհինգ դոլար, այսինքն այդպիսին էր նրա տեսանելի գինը, բայց ես պետք է կարողանայի հասկանալ, որ վերջին հաշվով այն ինձ վրա շատ ավելի թանկ կնստի։ Ձեր աչքի առջև դրա գինն աճելով հասավ վեց հարյուր հիսուն դոլարի, ու ավա՜ղ, դա դեռ բոլորը չէ, որովհետև Յուտայի ամբողջ տարածքում ես կանայք ունեմ։ Ես տասնյակ կանայք ունեմ, որոնց համարները, էլ չեմ ասում անունները, կարող եմ հիշել, միայն նայելով ընտանեկան աստվածաշունչը։ Նրանք ցիրուցան ապրում են տիրույթների բոլոր սարերում ու հովիտներում։ Եվ տեսեք․ նրանք բոլորը կլսեն այդ չարաբաստիկ կրծքազարդի մասին և բոլորը, առաջինից մինչև վերջինը, կմեռնեն, բայց չեն նահանջի։ Համար վեցի կրծքազարդը ինձ համար կարժենա ոչ թե քսանհինգ, այլ երկու և կես հազար դոլար։ Բացի դրանից, այդ անամոթները կսկսեն համեմատել նվերները, և եթե պարզվեց, որ մի կրծքազարդը մի փոքր ավելի լավն է մյուսներից, դրանք ետ կշպրտեն ինձ, և հարկադրված կլինեմ պատվիրել նոր կրծքազարդեր, որպեսզի խաղաղություն պահպանեմ իմ ընտանիքում։ Դուք, պարոն, հավանաբար, չեք էլ նկատել, բայց ամբողջ ժամանակ, քանի դուք իմ երեխաների հետ էիք, ձեր յուրաքանչյուր շարժմանը աչալուրջ հետևում էին ծառաներս։ Եթե փորձեիք երեխաներից մեկին տալ մի մետաղադրամ կամ նաբաթ, կամ էլի ինչ֊որ դատարկ բան, ձեզ անմիջապես դռնից դուրս կշպրտեին, ավելի շուտ, քան ձեռքից բաց կթողնեիք նվերը։ Այլապես պետք է ճիշտ այդպիսի նվեր տայիք իմ բոլոր երեխաներին, և փորձով գիտենալով, թե դա որքան կարևոր է, ես ինքս կհոգայի, որ երեխաներից ոչ մեկը զուրկ չմնար։ Մի անգամ ոմն ջենտլմեն իմ երեխաներից մեկին նվիրել էր ոսկրե սուլիչ, իսկապես որ սատանայի հորինվածք, որն անասելի սարսափ է ներշնչում ինձ, ասենք ձեզ էլ, պարոն, սարսափ կներշնչեր, եթե ձեր տանը մի հարյուրի չափ երեխաներ ունենայիք։ Բայց բանը կատարվել էր, և չարագործն անհետացել էր։ Ես գիտեի, թե ինձ ինչ է սպասում, և ձգտում էի վրեժխնդիր լինել։ Ես ուղարկեցի վրիժառու հրեշտակների մի ջոկատ, որը նրա հետևից հասավ Նևադայի անառիկ լեռները։ Բայց այնպես էլ չբռնեց նրան․․․
― Դուք, պարոն, գաղափար չունեք, թե ինչ բան է ընտանեկան կյանքը։ Ես հարուստ եմ, և դա բոլորը գիտեն։ Ես առատաձեռն եմ, և բոլորը դրանից օգտվում են։ Իմ մեջ սաստիկ զարգացած է հայրական բնազդը, և բոլորը ընկեցիքներին աշխատում են իմ վզին փաթաթել։ Ամեն մի կին, որը բարին է ցանկանում իր երեխայի համար, գլուխ է ջարդում, թե ինչպես անի, որ իր գանձը ընկնի իմ տուն։ Երևակայեք, պարոն, մի անգամ այստեղ եկավ մի կին՝ երեխան գրկին, որի մաշկը ինչ֊որ տարօրինակ էր, ասես կենդանի չլիներ, (մորը նմանապես) և երդվում էր, թե երեխան իմն է, իսկ ինքն իմ կինն է, թե ես նրա հետ ամուսնացել եմ այսինչ ժամանակ, այսինչ տեղում, բայց ինքը մոռացել է իր համարը, իսկ ես էլ, բնականաբար, միտս չեմ պահել նրա անունը։ Նա իմ ուշադրությունը հրավիրեց իմ ու երեխայի նմանության վրա, և, իսկապես, երեխան կարծես թե նման էր ինձ, մի բան, որ շատ հաճախ պատահող դեպք է մեր տարածքում, կարճ ասած, երեխային տեղավորեցի մանկանոցում, իսկ կինը գնաց։ Եվ ինչ։ Օ՜հ, Օրսոն Հայդի ստվեր։ Երբ երեխայի վրայից սպիտակ շպարը լվացին, պարզվեց, որ նա կարմրամորթ է։ Օ՜, ոչ, ինչ կուզեք ասեք, բայց դուք գաղափար անգամ չունեք, թե ինչ բան է ընտանեկան կյանքը։ Դա շան կյանք է, պարոն, ուղղակի շան կյանք։ Դրամը խնայելու ոչ մի հնարավորություն չկա։ Ես փորձեցի ունենալ մեկ պսակազգեստ բոլոր դեպքերի համար։ Չստացվե՛ց։ Նախ քեզ պսակում են չթի մեջ փաթաթված ձողի նմանվող մի էակի հետ, իսկ հետո վերցնում ես երկոտանի ուռուցվորի, և հարկավոր է հագուստը կցակարել պայթած օդապարիկի լաթերով։ Ա՜յ թե ինչ։ Հապա լվացարարուհու ներկայացրած հաշիվը (ներեցեք ինձ ակամա արցունքներիս համար)․ շաբաթական ինը հարյուր ութսունչորս հատ սպիտակեղեն։ Ո՛չ, պարոն, այնպիսի տնտեսությունում, ինչպիսին իմն է, երազել անգամ չի կարելի խնայողության մասին։ Հենց միայն օրորոցներ որքան են հարկավոր, կարո՞ղ եք պատկերացնել։ Հապա ճիճվամուղ դեղամիջոց։ Իսկ աղեխիթը բուժող օշարա՜կ։ Հապա օղակնե՜ր, երբ սկսում են դուրս գալ ատամները։ Հապա «հայրիկի ժամացույցներ» մանուկներին զբաղեցնելու համար։ Հապա կահույք մաքրելու խոզանակներ ու փալասներ։ Հապա ծծմբային լուցկիներ՝ կուլ տալու համար և ապակու փշրանք՝ վիրավորվելու համար։ Միայն ապակու վրա ծախսվող գումարը երևի հաստատ բավականացներ ձեր ընտանիքը պահելու համար, պարոն։ Ինչքան էլ կծծիություն անեմ, ինչքան էլ կրճատեմ ծախսերը, չեմ կարող արագ առաջ գնալ, իսկ չէ որ իմ հնարավորությունների պայմաններում հարկավոր էր առաջադիմել։ Ձեզ ուղղակի ասեմ․ պարոն, կար ժամանակ, երբ պարզապես գլխիս մազերն էի պոկում, որ հազարավոր դոլարներ որպես մեռած կապիտալ ընկած են այն յոթանասուներկու մահճակալների մեջ, որոնց վրա քնում են իմ յոթանասուներկու կանայք, փոխանակ աճման տրամադրվելու, ինչպես որ հարկն է, և ես վերցրի ու վաճառեցի բոլոր մահճակալները, վաճառեցի վնասով, պարոն, և պատրաստեցի մեկ մահճակալ՝ յոթ ոտնաչափ երկարությամբ ու իննսունվեց ոտնաչափ լայնությամբ։ Բայց սխալվեցի։ Ես աչք փակել չէի կարողնաում։ Ինձ թվում էր, թե միաժամանակ խռմփացնում են բոլոր յոթանասուներկու կանայք։ Ականջներս չէին դիմանում։ Իսկ դա գիտե՞ք որքան վտանգավոր էր։ Սարսափից ուղղակի դողում էի։ Նրանք բոլորը միաժամանակ ներշնչում էին օդը, ու ես ուղղակի տեսնում էի, թե ինչպես պատերը ներս էին քաշվում, իսկ ամեն մի արտաշնչման ժամանակ դրանք դուրս էին ցցվում, և ես լսում էի, թե ինչպես են ճարճատում փայտամածները ու ճռնչում է տանիքի կղմինդրը։ Բարեկամս, լսեք ծերուկիս խորհուրդը, ձեզ մի ծանրաբեռնեք մեծ ընտանիքով, հավատացնում եմ ձեզ, որ դրա կարիքը չկա։ Միայն փոքր ընտանիքում, ընտանեկան սերտ շրջանակում դուք կգտնեք հարմարակեցություն և այն հոգեկան անդորրը, որը լավագույն ու բարձրագույն բարիքն է այն բոլոր բարիքներից, որոնք այս աշխարհում պատրաստված են մեզ համար և որի կորուստը մեզ չի հատուցի ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ մեծությունը։ Հավատացեք ինձ, տասը, ամենաշատը տասնմեկ կինը շատ ու շատ է ձեզ համար․ այդ սահմանը չանցնեք։
Չգիտեմ ինչու, բայց այդ Ջոնսոնը առանձին վստահություն չէր ներշնչում ինձ։ Սակայն նրան լսելը հետաքրքիր էր։ Եվ ես կասկածում եմ, որ մեզ հաջողվեր այդ բոլոր արժեքավոր տեղեկությունները քաղել մեկ ուրիշ աղբյուրից։ Համենայն դեպս, նա շահեկանորեն տարբերվում էր չխոսկան մորմոններից։
==Գլուխ XVI==
Մորմոնյան աստվածաշունչը։ Նրա աստվածային ծագման ապացույցները։ Գրագողություն։ Նեֆիի պատմությունը։ Ուշագրավ ճակատամարտ։ Կիլկենյան կատուների արատավորումը։
Բոլորն էլ լսածով գիտեն մորմոնյան աստվածաշնչի մասին, բայց միայն քչերն են այն տեսել, բացի «ընտրյալներից», իսկ ով էլ որ տեսել է, հազիվ թե նեղություն կրած լինի այն կարդալու։ Ես մեկ օրինակ դուրս բերեցի Սոլթ Լեյք սիթիից։ Իմ կարծիքով, այդ աստվածաշունչը բացառիկ զարմանք բան է․ որքա՜ն հավակնություններ, բայց ինչպես թոշնած է այն, թմրած։ Դժվար է պատկերացնել ավելի անալի շիլա․ քլորոֆոմ է, այլ ոչ թե գիրք։ Եթե այն գրել է Ջոզեֆ Սմիթը, ապա նա ուղղակի հրաշք է գործել, թեկուզ նրանով, որ այն հորինելիս չի քնել։ Իսկ եթե, ինչպես որ ավանդությունն է ասում, նա այն միայն թարգմանել է խորհրդավոր գրերով պատված հնադարյան պղնձյա թերթիկներից, որոնք, նրա պնդմամբ, գտել է քարի տակից, ինչ֊որ մի խուլ տեղում, այդ դեպքում այդ թարգմանությունը նույնպես հրաշ է, և նույն պատճառով։
Որքան ես կարող եմ դատել, մորմոնյան աստվածաշունչն ընդամենը անտաղանդ հորինվածք է, թխված Հին կտակարանի նմուշով և լրացված ավետարանի ձանձրալի վերապատումով։ Հեղինակը ճգնել է իր բառերին ու դարձվածքներին տալ այն արտասովոր, հնությամբ բուրող հնչեղությունը, որով աչքի է ընկնում սուրբ գրքի անգլերեն թարգամանությունը, որ կատարվել է Հակոբ թագավորի հրամանով․ արդյունքը եղել է այն, որ ստացվել է մի վիժվածք՝ մերթ արդի ճարտար լեզու, մերթ էլ հնադարյան պարզամտություն ու հանդիսավորություն։ Վերջինս հնչում էր խրթին ու բռնազբոսիկ, առաջինը թվում է բնական, բայց արխայիկ խոսքի կողքին՝ անհեթեթ ու ծիծաղելի։ Երբ հեղինակն զգում է, որ խիստ արդիական է ստացվում, իսկ դա զգացվում է ամեն քայլափոխին, նա գործածում է աստվածաշնչյան որևէ արտահայտություն, ասենք՝ «չարը զայրացավ», «ու այնպես պատահեց» և նման բաներ, և գործը կրկին լավ է գնում։ «Ու այնպես պատահեցը» նրա սիրած արտահայտությունն է։ Եթե դա չլիներ, ամբողջ աստվածաշունչը կստացվեր հազիվ մի գրքույկի հաստության։
Տիտղոսաթղթի վրա գրված է․
Մորմոնների գիրք․ հաշվետվություն, որ քառասալիկների վրա գրի է առնված Մորմոնի ձեռքով։ Նեֆիի քարասալիկները։
Այս պատճառով էլ սույնը հանդիսանում է կրճատ պատմությունը Նեֆիի ժողովրդի, իսկ նաև <b>լամանիտների․ գրված է լամանիտների</b> համար, որոնք Իսրայելի տան մնացորդներն են, իսկ նաև ուղղված է հրեաներին ու հեթանոսներին․ գրված է որպես պատգամ, ինչպես նաև մարգարեության ու հայտնության ոգով։ Գրված է, կնքված և ծածկապահված Աստծու մոտ, որպեսզի չկորչի ու որպեսզի ի հայտ բերվի Տիրոջ ձիրքի և ուժի շնորհիվ՝ ներկա մեկնաբանությամբ։ Կնքված է Մորոնիի ձեռքով և ծածկապահված է Աստծու մոտ, որպեսզի հարկ եղած ժամանակ ի հայտ բերվի հեթանոսների միջոցով, ներկա մեկնաբանությամբ, Տիրոջ ձիրքի շնորհիվ։ Ու նաև Եթերի գրքի համառոտ շարադրում է, նույն ինքը տարեգրությունն է Հարեզի ժողովրդի, որը ցրվեց երկրի երեսով, երբ Աստված խառնեց լեզուները, որովհետև մարդիկ աշտարակ էին կառուցում, որ հասնեն երկինք։
«Ձիրքի շնորհիվ»՝ այդ լավ է։ Լավ է նաև «սույնը», թեև ինչու «սույնը»։ Կարելի էր ավելի պարզ ասել․ ճիշտ է, այդ ժամանակ աստվածաշնչի նման չէր լինի։
Առաջին էջում կարդում ենք․
Երեք ականատեսների վկայությունը
Եվ թող հայտնի լինի բոլոր ժողովուրդներին, սերունդներին, լեզուներին ու մարդկանց, որոնց կհասնի սույն աշխատությունը, որ մենք Հայր Աստծու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմածությամբ տեսել ենք այն քարասալիկները, որոնց վրա գրի է առնված այդ հաշվետվությունը, որը նաև Նեֆիի ժողովրդի տարեգրությունն է, ու նաև <b>լամանիտների</b>, նրանց եղբայրների, ու նաև Հարեդի ժողովրդի, որը եկել է աշտարակից, որի մասին արդեն խոսք եղել է, ու մենք նաև գիտենք, որ քարասալիկների վրա փորագրվածը թարգմանված է Տիրոջ ձիրքի և ուժի շնորհիվ, քանի որ նրա ձայնը կոչ է արել մեզ, այդ պատճառով էլ մենք հաստատապես գիտենք, որ դա փչոց չէ։ Ու մենք նմանապես վկայում ենք, որ տեսել ենք քարասալիկների վրա փորագրվածը, և որ դրանք մեզ համար տեսանելի դարձան Աստծու, այլ ոչ թե մարդկային ուժով։ Եվ մենք ամենայն ողջամտությամբ հաստատում ենք, որ Աստծու հրեշտակը իջավ երկնքից և բերեց ու մեր առջև դրեց աչքեր, որպեսզի մենք տեսողություն ձեռք բերենք ու տեսնենք քարասալիկները և այն, ինչ փորագրված է դրանց վրա, և մենք գիտենք, որ Հայր Աստծու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմածությամբ մենք տեսանք դրանք և վկայում ենք, որ դա ստույգ ճշմարտություն է․ և մենք հիանում ենք․ բայց քանի որ Աստծու ձայնը մեզ պատվիրեց ավետել սույնի մասին, մենք, Աստծու պատգամին հնազանդ, սույնի մասին էլ վկայում ենք։ Եվ մենք գիտենք, որ եթե հավատարիմ լինենք Քրիստոսին, մեր հագուստը կմաքրենք բոլոր մարդկանց արյունից և անարատ կկանգնենք Քրիստոսի գահի առջև ու հավիտյանս նրա հետ կմնանք երկնքում։ Եվ փառք Հորն և Սուրբ Հոգուն, որոնց էությունը մեկն է՝ Աստված։ Ամեն:
:::::::::::::::::::::Օլիվեր Քաուդերի,
:::::::::::::::::::::Դեվիդ Ուիթմեր,
:::::::::::::::::::::Մարտին Հարիս։
Կան մարդիկ, որոնք անհամար ապացույցներ են պահանջում, նախքան իրենց մեջ ուժ կգտնեն թեկուզ մասամբ հավատալու որևէ բանի, բայց երբ մարդն ասում է ինձ, «որ տեսել է գրքերը քարասալիկների վրա», և, ավելին, այդ ժամանակ ներկա է եղել հրեշտակը ու տեսել, թե նա ինչպես է տեսնում, և, հավանաբար, նրանից պատշաճ ստորագրություն վերցրել, ես արդեն զգում եմ, որ շատ հեռու եմ գնացել անվերապահ հավատի ճանապարհով, թեկուզ երբեք էլ չեմ լսել այդ մարդում մասին և ո՛չ հրեշտակի անունը գիտեմ, ո՛չ էլ այն, թե ինչ ազգի է նա պատկանում։
Այնուհետև կարդում ենք․
::::::::::::::::::::Քրիստիան Ուիթմեր,
::::::::::::::::::::Ջեյկոբ Ուիթմեր,
::::::::::::::::::::Պիտեր Ուիթմեր֊կրտսեր,
::::::::::::::::::::Ջոն Ուիթմեր,
::::::::::::::::::::Հայրամ Փեյջ,
::::::::::::::::::::Ջոզեֆ Սմիթ֊ավագ,
::::::::::::::::::::Հայրեմ Սմիթ,
::::::::::::::::::::Սենհուլ Գ․ Սմիթ
Իսկ երբ ես, արդեն հեռու գնալով անվերապահ հավատի ուղիով, սպասում եմ ութ ականատեսների, որոնք ինձ հաղորդում են, թեկուզ ոչ շատ գրագետորեն, որ իրենք ոչ միայն տեսել են թերթերը, այլև «շոշափել են դրանք», ինձ համար այդքանն էլ բավական է։ Այդ վկայության տակ Ուիթմերների ամբողջ ցեղն էլ եթե ստորագրած լիներ, ես չէի տոգորվի այդչափ խոր և անխորտակելի հավատով։
Մորմոնյան աստվածաշունչը կազմված է տասնհինգ «գրքից»․ դրանք են Հակոբի, Էնոսի, Խարամի, Օմնիկի, Մոսիայի, Զենիփի, Ալմայի, Հելամանի, Եթերի, Մորոնիի գրքերը, Մորմոնի երկու գրքերը և Նեֆիի երեք գրքերը։
Նեֆիի առաջին գրքում գրագողություն կա․ դա Հին կտակարանից արտագրված պատմությունն է Երուսաղեմից Լեխիի երեխաների դուրս գալու մասին, այնուհետև այնտեղ պատմվում է, թե ինչպես են նրանք ութ տարի թափառել անապատում գերբնական ձիրքով օժտված ոմն Նեֆիի առաջնորդությամբ։ Ի վերջո, նրանք հասել են «Առատության երկիրը» և տեղավորվել ծովափին։ «Շատ օրեր անցնելուց հետո», ― ասված է, ճիշտ է, աստվածաշնչի նմանությամբ, բայց չափազանց անորոշ, Նեֆին ի վերուստ հրաման ստացավ նավ կառուցել և «ժողովրդին ջրերի վրայով փոխադրել։ Նա ընդօրինակել է Նոյի տապանը, սակայն գործել է հրամանի համաձայն։ Նավը նա կառուցել է մեկ օրում, իսկ նրա մոտ կանգնած եղբայրները ծաղրել են նրա աշխատանքը, ու, ի դեպ, նաև իրեն, ասելով․ «Մեր եղբայրը տխմար է, որովհետև կարծում է, թե կարող է նավ կառուցել»։ Չսպասելով, մինչև որ փայտը չորանա, ամբողջ ցեղը կամ ժողովուրդը հաջորդ օրը դուրս է եկել նավարկության։ Եվ այստեղ էլ հենց դրսևորվել է իսկական մարդկային բնավորության կողմերից մեկը, որի մասին Նեֆին պատմում է անկեղծորեն․ աստվածաշնչյան շիտակությամբ նրանք խրախճանք են սարքել։ Նրանք, ինչպես և նրանց կանայք անձնատուր եղան զվարճության, սկսեցին պարել, երգել ու շատ անպարկեշտ բաներ ասել․ հիրավի, նրանք տրվեցին ծայրահեղ անառակության։
Նեֆին փորձում է դադարեցնել այդ այլանդակությունը, բայց նրանք կապոտում են Նեֆիին, և սանձարձակ զվարճությունը շարունակվում է։ Բայց տեսեք, թե Նեֆի մարգարեն ինչպես խորամանկությամբ նրանց գերազանցեց անտեսանելի ուժերի օգնությամբ։
Եվ ահա, այն բանից հետո, երբ նրանք ինձ կապոտեցին, այնպես, որ ես շարժվել չէի կարող, կողմնացույցը, որը Տիրոջ տվածն էր, դադարեց աշխատել․ ուստի նրանք չգիտեին, թե որ կողմը տանեն նավը․ և փոթորիկ բարձրացավ, մեծ ալեկոծություն սկսվեց, և ալիքները մեզ ետ էին մղում ջրերի վրայով, ու այդպես երեք օր, և նրանք շատ վախեցան, երկյուղ կրելով, թե կարող են խեղդվել ծովում, բայց և այնպես, իմ կապերը չէին արձակում։ Եվ չորրորդ օրը քամին, որ մեզ հետ էր քշում, խիստ ուժեղացավ։
Եվ այնպես պատահեց, որ քիչ էր մնում ծովային խորխորատը մեզ կուլ տար։
Այդ ժամանակ նրանք Նեֆիի կապերն արձակլե են։
Եվ այնպես պատահեց, որ նրանք իմ կապերն արձակեցին, ես ձեռքս առա կողմնացույցը և այն գործեց, ինչպես որ ես կամեցա։ Եվ ես Աստված կանչեցի, և երբ ես Աստված կանչեցի, քամիներն իսկույն հանդարտվեցին, ու մեծ լռություն տիրեց։
Կողմնացույցին տիրապետելը, ըստ երևույթին, այդ հնադարյան ծովագնացներին մեծ առավելություն է տվել Նոյի համեմատությամբ։
Նրանք ուղղություն են վերցրել դեպի «ավետյաց երկիրը»․ ուրիշ անուն նրանք այդ երկրին չեն տվել։ Նրանք բարեհաջող հասել են այնտեղ։
Բազմակնությունը մորմոնյան կրոնի ու վաղուցվա դավանանքն է, որ մտցրել է Բրիգեմ Յունգն արդեն Ջոզեֆ Սմիթի մահից հետո։ Մինչ այդ, բազմակնությունը «նողկալիություն» էր համարվում։ Ահա մի հատված Հակոբի՝ մորմոնյան աստվածաշնչի մեջ մտնող երկրորդ գրքի գլխից։
Եվ ահա Տերն ասում է․ Սույն ժողովուրդը խրվել է անօրինականության ցեխի մեջ․ նա չի ընդունում սուրբ գիրքը, որովհետև ճգնում է իր անառակությունը արդարացնել, վկայակոչելով Դավիթ թագավորին և նրա որդի Սողոմոնին․ ճիշտ է, որ Դավիթը և Սողոմոնը ունեցել են բազմաթիվ կիներ ու հարճեր, և դա գարշանք է եղել իմ աչքի առջև, ― ասում է Տերը, ― այդ պատճառով էլ, ― ասում է Տերը, ― ես այդ ժողովրդին հաստատուն ձեռքով դուրս բերեցի Երուսաղեմի հողից, որպեսզի աճեցնեի Հովսեփի ազդրից սերված պտղի սրբակյաց ճյուղը։ Այդ պատճառով էլ ես՝ Տեր Աստվածս, չեմ հանդուրժի, որ այդ ժողովուրդը վարվի հին ձևով։
Սակայն պլանը չի հաջողվել, համենայն դեպս այժմյան մորմոնների վերաբերմամբ, որովհետև Բրիգեմը «հանդուրժում» է այդ։ Ահա ևս մի հատված այդ գլխից․
Ձեզ եմ ասում, լամանիտներ, ձեր եղբայրները, որոնց դուք ասում եք նրանց անառակության համար և նրանց մարմինը պատած խոցերի համար, ավելի բարեպաշտ են, քան դուք, որովհետև նրանք չեն մոռացել Տիրոջ կամքը՝ պատգամված նրանց հայրերին, որպեսզի նրանք չունենան կիներ, բացի մեկից․ և որ նրանք չունենան հարճեր։
Ներոհիշյալ հատվածը (Նեֆիի իններորդ գրքի մի գլխից) պարունակում է այնպիսի տեղեկություններ, որոնք հազիվ թե հայտնի լինեն շատերին։
Եվ այնպես պատահեց, որ Հիսուսը երկինք համբարձվեց, բազմությունը ցրվեց, և ամեն մեկը վերցրեց իր կնոջն ու երեխաներին ու գնաց դեպի իր տունը։
Եվ այնպես պատահեց, որ առավոտյան, երբ բազմությունը հավաքվել էր, հայտնվեցին Նեֆին ու նրա եղբայրը, որին նա հարություն էր տվել մեռյալներից և որի անունն էր Տիմոֆեյ, ու նաև նրա որդին, որի անունն ի Իոնա, և Մաֆոնին, և Մաֆոնիան, նրա եղբայրը, և Կումենը, և Կումենոնխին, և Երեմիան, և Շեմնոնը, և Իոնան, և Զեդեկիան, և Եսաիյան՝ սրանք աշակերտներն են, որոնց ընտրել է Հիսուսը։
Որպեսզի ընթերցողը կարողանա համոզվել, թե ինչպես տպավորիչ ու գեղեցիկ (մորմոնյան առաքյալների պնդմամբ) է տեղի ունենում Փրկիչի կյանքի ամենահուզիչ դրվագներից մեկը, մի բան, որ նրանցից բացի ոչ ոք, երևի, չէր նկատել, բերում եմ մի հատված Նեֆիի այդ նույն գրքից․
Եվ այնպես պատահեց, որ Հիսուսը դիմեց նրանց ու կարգադրեց ոտքի կանգնել։ Եվ նրանք ոտքի կանգնեցին ու նա նրանց ասաց․ Օրհնյալ եք դուք ձեր հավատի համար։ Եվ ահա ես լի եմ ուրախությամբ։ Եվ ասելով նրանց այդ բառերը, արտասվեց ու ամբողջ բազմությունը վկայում է, թե ինչպես նա մեկը մյուսի հետևից գրկում էր երեխաներին և օրհնում էր նրանց, և նրանց համար աղոթում էր Հորը։ Եվ աղոթելուց հետո կրկին արտասվեց ու դիմեց բազմությանն ու ասաց նրանց․ Նայեք այս փոքրիկներին։ Եվ նրանք նայեցին երեխաներին ու աչքները բարձրացրին դեպի երկինք ու տեսան բաց երկինքը ու ասես բոցերի միջով ուղղակի երկնքից իջնող հրեշտակներին, և հրեշտակներն իջան երկիր ու շրջապատեցին երեխաներին, ու նրանք շրջապատված էին բոցերով․ և հրեշտակները սիրաշահում էին նրանց և բազմությունը լսում էր ու տեսնում և վկայում էր այդ մասին․ ու նրանք գիտեին, որ իրենց վկայությունը ճշմարիտ է, որովհետև նրանք բոլորը տեսնում և լսում էին՝ յուրաքանչյուր մարդ առանձին, իսկ թվով նրանք մոտ երկու հազար հինգ հարյուր հոգի էին և բազմությունը բաղկացած էր տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից։
Իսկն ասած, էլ ումից կարող էր այն բաղկացած լինել։
Եթերի գիրքը «պատմական» բովանդակությամբ ինչ֊որ քիչ հասկացվող շիլա է, ավելի շատ այնպիսի ժողովուրդների միջև մղված ճակատամարտերի ու պաշարումների վերաբերյալ, որոնց մասին ընթերցողը, հավանաբար, երբեք չի լսել և որոնք բնակվելիս են եղել մի երկրում, որը հիշատակված չէ աշխարհագրության մեջ։ Եղել է այնտեղ Կորիանտումրը, ուշագրավ անունով մի թագավոր, և նա պատերազմել է Շարեդի դեմ, և Լիբի դեմ, և Շիզի դեմ և շատ ուրիշների դեմ «Գեշլոնի հարթություններում», և «Գիլգայի հովտում», և «Ակիշ անապատում», և «Մորանի երկրամասում», և «Ագոշի հարթություններում», և «Օգաֆ» ու «Ռամա» հարթություններում, և «Կորիխոր աշխարհում», և «Կոմնոր լեռան» վրա, և «Ռիպլիանկումի ջրերի» մոտ և այլն, և այլն։ «Եվ այնպես պատահեց, որ շատ ճակատամարտերից հետո Կորիանտումրը հանրագումարի բերեց իր կորուստները, և պարզվեց, որ «սպանվել են երկու միլիոն ուժեղ ռազմիկներ, ինչպես նաև նրանց կանայք ու երեխաները», ընդամենը հինգից֊վեց միլիոն մարդ, «և նա վշտացավ սրտի խորքում»։ Վաղուց էր հարկավոր։ Այդ ժամանակ նա գրել է Շիզին, առաջարկելով դադարեցնել պատերազմական գործողությունները և նրան զիջել իր թագավորությունը հանուն ժողովրդի փրկության։ Շիզը պատրաստ է եղել համաձայնելու, բայց միայն մի պայմանով, որ Կորիանտումրը նախապես ներկայանա նրան և թույլ տա կտրել գլուխը։ Կորիանտումրը այդ պայմանը չի ընդունել։ Պատերազմը մի որոշ ժամանակով վերսկսվել է, իսկ հետո չորս տարվա ընթացքում երկու կողմերն էլ զորք են հավաքել վճռական գոտեմարտի համար, իսկ դրան հաջորդել է, ըստ երևույթին, պատմությանը հայտնի բոլոր ճակատամարտերից ամենանշանավորը, բացառությամբ, թերևս, միայն կիլկենյան կատուների ճակատամարտի, որ այն մասամբ հիշեցնում է։ Ահա պատերազմական պատրաստությունների և բուն ճակատամարտի նկարագրությունը․
7.Եվ այդ ժամանակ նրանք աշխարհի երեսից հավաքեցին ողջ ժողովրդին, բոլորին, ովքեր սպանված չէին, բացի Եթերից։ Եվ այնպես պատահեց, որ Եթերը տեսնում էր ամեն բան, ինչ կատարում էր ժողովուրդը, ու նա տեսնում էր, որ նրանք, ովքեր Կորիանտումրի կողմնակիցներն էին, գալիս խառնվում էին Կորիանտումրի զորքին, և բոլոր նրանք, ովքեր Շիզի կողմնակիցներն էին, գալիս խառնվում էին Շիզի զորքին, և այդպես, չորս տարվա ընթացքում նրանք հավաքում էին ժողովրդին, որպեսզի հավաքեին բոլորին երկրի երեսից ու ոժեղացնեին իրենց հզորությունը, որքան միայն կարող էին ուժեղացնել։ Եվ այդ ժամանակ նրանք բոլորը հավաքվեցին միասին՝ յուրաքանչյուրն այն զորքի մեջ, որում կամենում էր, իրենց կանանց ու երեխաների հետ․ և բոլոր տղամարդիկ, կանայք ու երեխաները զինված էին ռազմի զենքերով՝ վահաններով լանջապանակներով, սաղավարտներով, և զգեստավորված էին ռազմի հագուստով, և նրանք միմյանց դեմ մարտի ելան ու կռվում էին ամբողջ օրը, բայց չհաղթեցին։ Եվ երբ գիշերը վրա հասավ, նրանք հոգնած վերադարձան իրենց բանակատեղերը, իսկ վերադառնալով իրենց բանակատեղերը, նրանք ողբ ու կական բարձրացրին իրենց ժողովրդի սպանվածների համար․ և նրանց հեծեծանքի, ողբ ու վայնասունի ուժից օդը ցնցվում էր։ Եվ երբ լույսը բացվեց, նրանք կրկին կռվի ելան, ու այդ օրը ահեղ էր ու ահավոր, բայց նրանք չհաղթեցին, և երբ կրկին վրա հասավ գիշերը, իրենց ժողովրդի սպանվածների համար, նրանց աղաղակները, գանգատներն ու ողբը ծվատում էին օդը։
8. Եվ այնպես պատահեց, որ Կորիանտումրը երկրորդ անգամ գրեց Շիզին, խնդրելով նրան այլևս մարտի չելնել, այլ վերցնել իր թագավորությունը և խնայել ժողովրդի կյանքը։ Բայց այստեղ Աստծու ոգին հեռացել էր նրանցից և Սատանան էր տիրել ժողովրդի սրտին, քանի որ նրանք մատնվել էին իրենց անողորմության ու իրենց կուրության իշխանությանը, որպեսզի զոհվեին իրենք, ուստի և կրկին մարտի ելան։ Եվ կռվում էին նրանք այդ ամբողջ օրը, ու երբ վրա հասավ գիշերը, նրանք քնեցին իրենց սրերի վրա, և առավոտյան կրկին մարտի ելան ու կռվում էին մինչև գիշեր, և երբ վրա հասավ գիշերը, նրանք ցասումից հարբել էին, ինչպես որ մարդ հարբում է գինուց․ ու կրկին նրանք քնեցին իրենց սրերի վրա․ և առավոտյան նրանք նորից մարտի բռնվեցին, իսկ գիշերվա դեմ նրանք բոլորը ընկան սրից․ մնացել էր հիսուներկու մարդ Կորիանտումրի ժողովրդից և վաթսունինը մարդ Շիզի ժողովրդից։ Եվ այդ գիշեր էլ նրանք քնեցին իրենց սրերի վրա, իսկ առավոտյան կրկին մարտի ելան և կռվեցին միմյանց դեմ, փորձելով իրենց սրերի ու վահանների զորությունը․ և այդպես ամբողջ օրը․ ու երբ վրա հասավ գիշերը, մնացել էին երեսուներկու մարդ՝ Շիզի ժողովրդից և քսանյոթ մարդ՝ Կարիանտումրի ժողովրդից։
9. Եվ այնպես պատահեց, որ նրանք ուտում ու քնում էին և պատրաստվում էին առավոտյան մեռնելու։ Եվ նրանք հաղթանդամ ու մկանուտ այրեր էին։ Եվ կռվում էին նրանք երեք ժամ ու, շատ արյուն կորցնելով ուժասպառ եղան։ Եվ երբ Կորիանտումրի ռազմիկները ուժ հավաքեցին, նրանք փախուստի դիմեցին, բայց այստեղ Շիզը ոտքի ելավ ու նրա հետ էլ նրա զորքը, ու նա ցասումով երդվեց, որ կսպանի Կորիանտումրին կամ ինքը սրից կընկնի․ և այդպես նա հետապնդեց նրանց ու առավոտյան հասավ փախստականներին, ու նրանք կրկին մարտի բռնվեցին։ Եվ այնպես պատահեց, որ, երբ բոլորն ընկան, բացի Կորիանտումրից ու Շիզից, Շիզը, շատ արյուն կորցնելով, ուժասպառ եղավ։ Եվ այդ ժամանակ Կորիանտրումը, իր սրի վրա հենվելով, մի փոքր հանգստացավ ու գլխատեց Շիզին։ Եվ երբ նա գլխատեց Շիզին, Շիզը ձեռքերի վրա բարձրացավ ու ընկավ, և, մի կում օդ կուլ տալով, մեռավ։ Եվ այդ ժամանակ Կորիանտումրը անկենդան ընկավ գետին։ Եվ Աստված ասաց Եթերին ՝ գնա։ Եվ նա գնաց ու տեսավ, որ Տիրոջ ասածը կատարվել է, և նա ավարտեց իր տարեգրությունը․ դրա հարյուրերորդ մասն էլ ես չեմ գրել։
Ափսոս, ափսոս, որ Սմիթը այդքան քիչ է գրել և, նախորդ գլուխները լցնելով ամենատխուր գռեհկությամբ, իր պատմությունն ընդհատել է հենց այն տեղում, որտեղ այն գուցե և կարող էր հետաքրքիր դառնալ։
Մորմոնյան աստվածաշունչը տխմար գիրք է և այն կարդալը տաղտկալի զբաղմունք է, բայց դրա խրատների մեջ վնասակար ոչինչ չկա։ Դրանում շարադրված բարոյականության օրենսգրքի դեմ առարկելու բան չկա՝ այն «թխված» է Նոր կտակարանից, նույնիսկ առանց աղբյուրը վկայակոչելու։
==Մորմոնների պատմության համառոտ ակնարկ==
Մորմոնների համայնքի հիմնադրման ժամանակից անցել է ոչ ավելի, քան քառասուն տարի, սակայն նրանց պատմությունը բուռն է եղել իրենց ամենաառաջին իսկ քայլերից, և իր հետագա երթի մեջ այն խոստանում է լինել ոչ պակաս հուզիչ։ Մորմոնները հետապնդումների ու հալածանքների էին ենթարկվում ամբողջ երկրում, այդ պատճառով էլ նրանք երկար տարիներ ամբողջ հոգով անխտիր ատում էին բոլոր «հեթանոսներին»։ Ջոզեֆ Սմիթը, որը գտավ տխրահռչակ Մորմոնի գիրքը և համարվում է նրանց կրոնի հիմնադիրը, հարկադրված էր նահանգից նահանգ քարշ տալ իր խորհրդավոր պղնձե թերթիկներն ու հրաշագործ քարերը, որոնց օգնությամբ վերածնում էր թերթիկների վրա եղած գրերը։ Ի վերջո, նա Օհայոյի նահանգում հիմնեց մի «եկեղեցի», որի անդամը դարձավ ոմն Բրիդեմ Յունգ։ Սկսեցին հալածանքները, իսկ դրանց հետ միասին նաև հավատուրածությունը։ Բրիդեմը հաստատուն կերպով հետևում էր իր ընտրած հավատին և աշխատում էր առանց ձեռքերը ծալելու։ Նրան հաջողվեց կասեցնել դասալքությունը։ Ավելին, ամենածանր ժամանակներում նա հաջողացրեց շատերին դարձնել իր հավատին։ Աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի մեծ ազդեցություն և վստահություն վայելել միաբանության մեջ։ Շուտով նա դարձավ մեկը տասներկու «եկեղեցու առաքյալներից», իսկ այնուհետև է՛լ ավելի ազդեցիկ ու բարձր դիրք նվաճեց, դառնալով Տասներկուսի պրեզիդենտը։ Այն բանից հետո, երբ օհայոյցիները ոտքի ելան և մորմոններին վռնդեցին իրենց նահանգից, մորմոնները բնակություն հաստատեցին Միսսուրիի նահանգում։ Բրիդեմը ուղեկցում էր նրանց։ Միսսուրցիները նրանց վռնդեցին, և նրանք հետ քաշվեցին դեպի Նաուվա՝ Իլինոյսի նահանգ։ Այստեղ նրանք սկսեցին բարեբախտ կյանք վայելել և կառուցեցին մի տաճար, ճարտարապետական նրբագեղության հավակնությամբ․ մի երկրամասում, որտեղ դատարանի աղյուսե շենքը թիթեղապատ տանիքի վրա բարձրացող գմբեթով ակնածական սարսուռ էր առաջացնում, այդ տաճարը ուշադրություն գրավեց իր վրա։ Բայց այստեղ էլ մորմոններին շարունակում էին նեղել ու հալածել։ Չէին օգնում այն թռուցիկները, որոնցով Ջոզեֆ Սմիթը անարգանքի սյունին էր գամում և դատապարտում էր բազմակնությունը՝ որպես մորմոնների կանոններին հակասող երևույթ։ Միսսիսիպիի երկու ափերի բնակիչները պնդում էին, որ մորմոնների միջավայրում փարթամորեն ծաղկում է բազմակնությունը, և էլի շատ ուրիշ բաներ։ Բրիգեմը վերադարձավ Անգլիա կատարած ուղևորությունից, որտեղ նա հիմնեց մորմոնյան լրագիր և որտեղից նա բերեց մի քանի հարյուր նորահավտների։ Քայլ առ քայլ աճում էր նրա ազդեցությունը միաբանության վրա։ Այնուհետև «հեթանոսները» Միսսուրիից ու Իլինոյսից ներխուժեցին Նաուվր և սպանեցին Ջոզեֆ Սմիթին։ Ռիգդոն անունով մի մորմոն համարյա թե իրեն հռչակեց մորմոնյան եկեղեցու և մորմոնյան համայնքի գլխավոր՝ հանգուցյալ Սմիթի փոխարեն․ նա իր ուժերը փորձեց նույնիսկ որպես մարգարե։ Սակայն նրա հետևից գնացողը նրանից ավելի ուժեղ գտնվեց։ Հարմար պահ որսալով, Բրիդեմը, որի ամբողջ առավելությունը ավելի սուր միտք և ամուր կամք ունենալն էր, Ռիգդոնին տապալեց և ինքը գրավեց նրա բարձր դիրքը։ Ավելին, նա Ռիգդոնին ու նրա համախոհներին անիծեց բարդ անեծքով, հայտարարեց, որ նրա «գուշակությունների» աղբյուրը դևն է, և վերջում էլ «կեղծ մարգարեին հազար տարով մատնեց սատանային»․ այդպիսի ժամկետով դեռ ոչ ոքի չէին դատապարտել Իլինոյսում։ Ժողովուրդն ընդունեց իր տիրակալին։ Նա ձայների ճնշող մեծամասնությամբ անմիջապես Յունգին ընտրեց պրեզիդենտ և մինչև այսօր էլ նրան վերաբերվում է անձնուրաց նվիրվածությամբ։ Բրիդեմն ընդունակ էր հեռուն նայելու, որով ականավոր մորմոններից ուրիշ ոչ մեկը կարծես թե օժտված չէր եղել։ Նա հասկացավ, որ ավելի լավ է անապատ ընկնել սեփական կամքով, քան սպասել, թե երբ իրենց այնտեղ կքշեն։ Եվ ահա նրա հրամանով հպատակները հավաքեցին իրենց խղճուկ ունեցվածքը, շրջվեցին մեջքով դեպի իրենց տները, իսկ դեմքով դեպի անապատը և փետրվարյան մի սառնամանիքային գիշեր, ամբողջ սրբազան սպասքը հետները վերցրած, իրենց ձեռքով հրկիզած տաճարի հրացոլքի լույսով տխուր շարաններով շարժվեցին Միսսիսիպիյով։ Իսկ մի քանի օր անց նրանք ճամբար դրեցին Այովայի նահանգի արևմտյան սահմանի մոտ, և աղքատությունը, զրկանքները, քաղցը, ցուրտը, հիվանդությունները, թախիծն ու հալածանքը կատարեցին իրենց գործը․ շատերը չդիմանալով այդ բոլոր ձախորդություններին, կոտորվեցին։ Ինչ էլ որ ասեն, բայց նրանք իսկական նահատակներ էին։ Ովքեր կարողացան դիմանալ, ապրեցին այնտեղ էլի մի երկու տարի, մինչդեռ Բրիգեմը մի փոքր ջոկատով կտրեց անցավ անապատը և հիմնեց Գրեյթ Սոլթ Լեյք սիթին։ (Մեծ Աղի Լճի քաղաքը), դրա համար դիտավորյալ ընտրելով այնպիսի վայր, որն ատելի ամերիկյան կառավարության սեփականությունը չէր և նրա իրավասությունից դուրս էր գտնվում։ Այս փաստը չպետք է մոռանալ։ Նկարագրված իրադարձությունները վերաբերում են 1847 թվականին։ Հազիվ էր Բրիգեմն իր մարդկանց հետ բնակություն հաստատել նոր քաղաքում, երբ նրանց պատահեց ևս մի դժբախտություն՝ վերջացավ պատերազմը, և Մեքսիկան Բրիգեմի ապաստարանը հանձնեց հակառակորդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ 1849 թվականին մորմոնները ստեղծեցին «ազատ ու անկախ» կառավարություն և իրենց հայտարարեցին «Դեզերտի նահանգ», իսկ Բրիգեմ Յունգին՝ իրենց պրեզիդենտ։ Սակայն հաջորդ տարի Միացյալ Նահանգների կոնգրեսը մի թեթև ապտակ տվեց նրան ինքնասիրությանը և լեռների, բարձվենյակի, աղուտների և համընդհանուր ամայության այդ նույն զուգակցությունը վերածեց «Յուտայի տարածքի», բայց միաժամանակ, այնուամենայնիվ, Բրիգեմ Յունգին նշանակեց դրա նահանգապետ։ Հետագա տարիների ընթացքում վերաբնակիչները անապատների ու մորմոնների հողերի վրայով ալիք֊ալիք շարժվեցին դեպի Կալիֆորնիա, բայց, չնայած դրան, եկեղեցին մնում էր անսասան ու հավատարիմ իր վեհապետին ու տիրոջը։ Քաղծը, ծարավը, կարիքն ու վիշտը, ատելությունը, արհամարհանքն ու հալածանքները շրջապատի կողմից չսասանեցին մորմոնների հավատարմությունն ու նվիրվածությունը իրենց առաջնորդին։ Նրանք անդրդվելի մնացին անգամ ոսկու գայթակղության հանդեպ․ իսկ չէ որ այն կործանել էր շատ ու շատ ժողովուրդների երիտասարդության ծաղիկը, քամել վերջին հյութերը։ Ոսկով փորձությունը բոլոր հնարավոր փորձություններից ամենադաժանն է, և այն ժողովրդի մեջ, որ կդիմանա այդ փորձությանը, պետք է որ ներդրված լինի չափազանց հիմնավոր մի բան։
Յուտայի տարածքն ու Գրեյթ Սոլթ Լեյք սիթին ծաղկում էին։ Այովայից հեռանալուց առաջ Բրիգեմ Յունգը վերջին անգամ հայտնվեց եկեղեցում, ամենաողբացյալ մարգարե Սմիթի հագուստով, և Սմիթի անունից կատարեց «պրեզիդենտ Բրիգեմ Յունգի» հանդիսավոր ձեռնադրությունը։ Ժողովուրդը՝ ցնծությամբ կուլ տվեց այդ բարեպաշտական խարդախությունը, իսկ Բրիգեմի իշխանությունը վերջնականապես ամրապնդվեց։ Իսկ հետո, հինգ տարի էլ չանցած, նա բազմակնությունը հայտարարեց որպես եկեղեցու հիմնական դավանանքներից մեկը, վկայակոչելով այն «հայտնությունը», որ դեռևս ինը տարի առաջ, իբր թե, իջել էր Ջոզեֆ Սմիթի վրա, թեև բոլորին է հայտնի, որ Ջոզեֆ Սմիթը ընդհուպ մինչև իր մահը պայքարում էր բազմակնության դեմ։
Բրիդեմը իր կարիերայի համեստ սկզբնավորումով և աստիճանական առաջընթացով դեպի պերճությունն ու փառքը կարող էր հավասարվել հենց իրեն՝ Էնդրյու Ջոնսոնին։ Հաջորդաբար նա անցավ բոլոր աստիճանները՝ շարքային մորմոն, քարոզիչ՝ հայրենիքում, քարոզիչ արտասահմանում, հրատարակիչ և խմբագիր, առաքյալ, առաքելական դեպարտամենտի պրեզիդենտ, մորմոնական համայնքի գլխավոր՝ օժտված հոգևոր ու աշխարհիկ իշխանությամբ․ երկնքի կամքով՝ Սմիթի ժառանգորդ, «մարգարե», «գուշակ», «կանխատեսող»։ Մնում էր միայն մեկ աստիճան, և նա հնազանդորեն բարձրացավ դրա վրա՝ իրեն հայտարարեց տեր աստված։
Իր համար, այդպես է նա պնդում, մահից հետո պատրաստված է սեփական դրախտ, ուր ինքը կլինի աստված, իր կանայք՝ աստվածուհիներ, իսկ երեխաները՝ երկնային իշխաններ ու իշխանուհիներ։ Բոլոր հավատարիմ մորմոնները, ընտանյոք հանդերձ, կընդունվեն այդ դրախտը և այնտեղ դիրք կգրավեն համապատասխան կանանց ու երեխաների թվի, որ նրանք կարողացել են ունենալ։ Եթե հավատացյալներից որևէ մեկը մահանա, չհասցնելով ունենալ այնքան կին ու երեխա, որ անհրաժեշտ է անդրշիրիմյան աշխարհում հարգանք վայելելու համար, նրա ընկերներից որևէ մեկը կարող է հանգուցյալի անունով վերցնել մի քանի կին և լրացնել նրա պակասող սերունդը․ դրանք բոլորը կգրանցվեն հանգուցյալի հաշվին և համապատասխանորեն կբարձրացնեն նրա աստիճանը։
Չպետք է մոռանալ, որ մորմոնները մեծ մասամբ հավաքագրվում են տգետ, միամիտ, թույլ զարգացած, սահմանափակ մտահորիզոնով մարդկանց միջավայրից, չպետք է նաև մոռանալ, որ մորմոնների կանայք կանգնած են այդ նույն մակարդակի վրա և որ նրանց միությունից ծնված երեխաները հազիվ թե խիստ տարբերվում են իրենց ծնողներից, չպետք է աչքաթող անել և այն, որ քառասուն տարի շարունակ այդ դժբախտներին հալածել են, հալածել են անդադար, անգթորեն։ Բազմությունը նրանց ծաղր ու ծանակի է ենթարկել, ծեծել է, կրակել է նրանց վրա․ նրանց նզովել են, արհամարհել ու վռնդել․ նրանք փախել են անապատի խորքերը՝ արդեն հիվանդություններից ու քաղցից ուժասպառ եղած, իրենց հառաչանքներով խախտելով անապատի դարավոր լռությունը և գաղթի երկար ուղին ծածկելով իրենց գերեզմաններով։ Եվ այդ ամենը նրանք կրել են միայն նրա համար, որ ցանկացել են ապրել ու հավատալ այնպես, ինչպես թելադրել է նրանց խիղճը։ Այս ամենը անհրաժեշտ է հիշել, և այդ ժամանակ հասկանալի կլինի այն անսահման ատելությունը, որ մորմոնները տածում են մեր ժողովրդի ու կառավարության նկատմամբ։
Այդ ատելությունը վաղեմի վիրավորանքի հողի վրա բորբոքվում էր այն ժամանակներից, երբ մորմոնյան Յուտա երկրամասը սկսեց ծաղկել, իսկ եկեղեցին՝ հարստանալ ու ամրանալ։ Բրիգեմը, որպես այդ տարածքի նահանգապետ, աներկմտորեն բոլորին հասկացնում էր, որ Մորմոնիան մորմոնների համար է։ Միացյալ Նահանգները փորձում էին վիճակը շտկել այնտեղ Նոր Անգլիայից մորմոնատյաց մյուս շրջաններից կառավարական պաշտոնյաներ նշանակելու միջոցով, բայց Բրիգեմը զգալիորեն դժվարացրել էր այդ պաշտոնյաների մուտքը իր կառավարման տակ գտնվող տարածքը։ Միացյալ Նահանգները հարկադրված եղան երեք հազարանոց զորք ուղարկել անապատի միջով, որպեսզի իրենց աստիճանավորներին հաստատեին նրանց համար նախատեսված պաշտոններում։ Սակայն, երբ այդ ջենտլմենները հաստատվեցին, նրանք ավելի օգուտ չտվեցին, քան քարե կուռքերը։ Նրանք օրենքներ էին հրապարակում, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որոնք չէին կարող կենսագործել։ Այն երկրում, որտեղ հանցագործությունները և անձի նկատմամբ բռնությունը կատարվում էին ամեն քայլափոխում, ֆեդերալ դատավորները նիստեր էին անում լոկ հանդուգն ամբոխին զվարճացնելու համար, որն ազատ ժամանակ հավաքվում էր նրանց դիտելու, որովհետև դատելու մարդ չկար, անելու բան չկար և գործավարություն էլ չկար։ Եթե հայցվորը «հեթանոս» էր, մորմոն երդվայլներն այնպիսի վճիռ էին կայացնում, ինչպես կամենում էին, իսկ ֆեդերալ դատարանի վճիռը մորմոնները հաշվի չէին առնում, և այն ի կատար ածելու ոչ մի հնարավորություն չկար։ Մեր պրեզիդենտները միմյանց հետևից Յուտա էին ուղարկում պաշտոնյաների խմբեր, և ամեն անգամ արդյունքը նույնն էր լինում՝ նրանք մռայլ դեմքերով միառժամանակ նստում էին այնտեղ, օր օրի վրա կուլ տալով վիրավոորանքներ, շուրջը տեսնելով խոժոռ դեմքեր և իրենց պարտքը կատարելու ամեն մի փորձի դեպքում հանդիպում էին խեթ հայացքների և ուղղակի սպառնալիքների ու, ի վերջո, կամ անձնատուր էին լինում և խղճուկ զենք դառնում մորմոնների ձեռքին, կամ էլ չդիմանալով, սաստիկ ահաբեկված, հեռանում էին նրանց տարածքից։ Իսկ եթե պատահում էր, որ պաշտոնյան վախկոտներից չէր և նրան հաջողվում էր ցույց տալ իր քաջությունը, համակերպվող մի պրեզիդենտ, ինչպես Բյուկենենը կամ Պիրսը, անմիջապես նրան հեռացնում էր պաշտոնից և տեղը դնում հերթական մի բթամիտի։ 1857 թվականին, այն նույն տարի, երբ Կրեդլբոն դատավոոր էր, քիչ էր մնում Յուտայի նահանգապետ նշանակեին գեներալ Հարնիին․ «վախ» բառը այդ երկուսի գիտակցության մեջ ամենավերացական իմաստն ուներ։ Թեկուզև այն պատճառով, որ նրանք բազմազանություն կմտցնեին ֆեդերալ իշխանությունների հաճոյակատարության ու անճարակության որոշ չափով միալար պատմության մեջ, պետք է ափսոսալ, որ այդ երկուսին վիճակված չէր միաժամանակ ծառայել Յուտայի տարածքում։
Այսպիսի իրավիճակ էր Յուտայում, երբ մենք առիթ ունեցանք լինելու այնտեղ։ Տարածքի կառավարչությունը ամոթալի անճարակություն դրսևորեց, և միակ իրական ուժն այնտեղ Բրիգեմ Յունգն էր։ Դա մի բացարձակ միապետ էր, որը հաշվի չէր առնում մեր պրեզիդենտին, ծիծաղում էր մեր բանակի վրա, երբ այն պաշարել էր նրա մայրաքաղաքը և առանց ամենափոքր իսկ շփոթմունքի լսելով այն լուրը, որ Միացյալ Նահանգների օգոստոսափառ կոնգրեսը բազմակնությունը հանդիսավորապես հայտարարել է հակաօրինական, շատ հանգիստ իր կանանց թիվն ավելացրեց և ևս քսանհինգով կամ երեսունով։
==Բ․ Կոտորած լեռնային մարգագետնում==
Մորմոնները վրեժ են լուծել և վրեժ են լուծում այն հալածանքների համար, որոնց նրանք ենթարկվել են և, ինչպես նրանք մինչև օրս էլ կարծում են, շարունակում են ենթարկվել, որովհետև նրանց այնպես էլ ինքնավարություն չտվեցին։ Ներկայումս, համարյա մոռացված
«կոտորածը Լեռնային մարգագետնում» նրանց ձեռքի գործն էր։ Այդ պատմությունը ժամանակին բավականաչափ աղմուկ բարձրացրեց․ ամբողջ երկրում խոսակցությունը հենց միայն այդ գազանության մասին էր։ Ընթերցողի հիշողության մեջ թարմացնենք այդ իրողությունը ընդհանուր գծերով։ Մի անգամ գաղթականների մի մեծ գումակ Միսուրիից և Արկանզասից անցնում է Սոյթ Լեյք սիթիի միջով․ գումակին միանում են մի քանի դժգոհ մորմոններ, հուսալով դրա քողարկման տակ փախուստի դիմել։ Հենց միայն այդքանը բավական էր բորբոքելու մորմոն գլխավորների զայրույթը։ Բայց դրան ավելացել էր նաև այն հանգամանքը, որ գաղթականները՝ ոչինչ չկասկածող հարյուր քառասունհինգ, թե հարյուր հիսուն մարդ, եկել էին Արկանզասից, որտեղ նկարագրվող իրադարձություններից քիչ առաջ սպանվել էր մորմոն մի խոշոր քարոզիչ, և Միսսուրիից, մի նահանգից, որի մասին մորմոնները հիշում էին որպես առաջին «սրբերի» ամենակատաղի հալածողի այն ժամանակներում, երբ մորմոնյան համայնքը փոքրաթիվ էր, աղքատ և չուներ բարեկամներ։ Այսպիսով, ուղևորները համակրանք չեն ներշնչել։ Եվ, վերջապես, գումակում եղել է մեծ հարստություն՝ անասուններ, ձիեր, ջորիներ և ամեն տեսակ այլ գույք․ էլ ինչպես կարող էին մորմոնները, որոնք ամեն բանում ձգտում էին նմանվել իսրայելական հին ցեղերին, ինչպես կարող էին նրանք հակառակորդից չխլել «ավարը», երբ աստված ինքն էր «այն տվել իրենց ձեռքը»։
Այսպիսով, տիկին Ս․ Վ․ Ուեյթի «Մորմոն մարգարեն» հետաքրքրական գրքի բառերով ասած, այնպես պատահեց, որ «Բրիգեմ Յունգին՝ Մեծ և Գերագույն թագավորին, այլ կերպ ասած՝ Աստծուն «հայտնություն» արվեց, որի հիման վրա նա հրամայեց պրեզիդենտ Ջ․ Ս․ Հեյտին, եպիսկոպոս Հիգբիին և Ջոն Դ․ Լիին (Բրիգեմի հոգեվորդին) հավաքել հնարավորին չափ շատ մարդկանց, որոնց կարելի է վստահել, հագցնել նրանց հնդկացիների նման, հարձակվել անիծյալ հեթանոսների վրա (այդպես էր ասված «հայտնության» մեջ) և բոլորին, մինչև վերջին մարդը, խոցել Ամենաբարձրյալի նետերով, որպեսզի ոչ ոք չկարողանա աշխարհին տեղեկացնել, թե բանն ինչպես է եղել․ եթե հարկ լինի, որպես դաշնակիցներ, ներգրավել իսկական հնդկացիների, նրանց խոստանալով ավարի մի մասը։ Իրենց պարտքը կատարել ճշտորեն և առանց հապաղման անասունը քշել բերել մինչև ձմռան վրա հասնելը, քանզի այդպիսին է Ամենազոր Տեր Աստծու կամքը»։
«Հայտնության» մեջ պարունակած առաջադրանքը բարեխղճորեն կատարվել է։ Հնդկացիների նման հագնված և իրենց դեմքերը ներկած մորմոնների մի մեծ ջոկատ հասել է գումակին Սոլթ Լեյք սիթիից մոտավորապես երեք հարյուր մղոն հարավ և այնտեղ հարձակվել նրա վրա։ Գաղթականներն իսկույն խրամատավորվել են, իրենց սայլերը վերածել ամրոցների և արիաբար ու հաջողությամբ դիմադրել ամբողջ հինգ օր։ Միսսուրցիներին և արկանզասցիներին այնքան էլ չես վախեցնի Յուտայում անիմաստ կյանք վարող «դաժան հնդկացիների» խղճուկ ծաղրապատկերով։ Յուրաքանչյուր գաղթական պատրաստ է եղել կռվելու դրանցից հինգ հարյուրի դեմ։
Վեցերորդ օրը մորմոնները որոշել են դիմել ռազմական խորամանկության։ Նահանջելով «Մարգագետնի» վերին եզրը, նրանք զգեստափոխվել են, լվացել դեմքների ներկը և, մինչև ատամները զինված, բանագնացների սպիտակ դրոշ պարզած, սայլերով մոտեցել պաշարված գաղթականներին։ Տեսնելով սպիտակամորթ մարդկանց, գաղթականները ցած են դրել զենքը և ուրախ աղաղակներով ողջունել նրանց։ Ի պատասխան սպիտակ դրոշի, հազիվ թե անգամ կասկածի տակ առնելով իրենց վարմունքի ողջ խանդալիցությունը, նրանք վեր են բարձրացրել սպիտակ շորեր հագցրած մի մանկան։
Այդ անսպասելի սպիտակամորթ «փրկարարներին» գլխավորել են պրեզիդենտ Հեյտը և մորմոնյան եկեղեցու եպիսկոպոս Ջոն Դ․ Լին։ Այդ առաջնորդների հետագա գործողությունների մասին պարոն Կրեբլոն (որն այն ժամանակ ֆեդերալ դատավորի պարտականություններն էր կատարում Յուտայում, իսկ հետագայում սենատոր էր Նեևադայի նահանգից) պատմեց կոնգրեսում արտասանած իր ճառում․
«Հայտարարելով, թե լավ հարաբերությունների մեջ են հնդկացիների հետ և որ վերջիններս տրամադրված են շատ կատաղորեն, նրանք առաջարկեցին իրենց միջնորդությունը, գաղթականներին խոստանալով նրանց համար բարեխոսել հնդկացիների մոտ։ Բանակցությունները տևեցին մի քանի ժամ, և հնդկացիների հետ անցկացրած (կեղծ) խորհրդակցությունից հետո բանագնացները ներկայացրեցին, իբր թե, վայրենիների թելադրած վերջնագիրը, որի համաձայն բոլոր գաղթականներին առաջարկվում էր անխտիր հեռանալ ճամբարից, այնտեղ թողնելով ամեն բան, ընդհուպ մինչև զենքը։ Իսկ մորմոնյան առաջնորդները խոստանում էին զինվորական ջոկատներ բերել և գաղթականներին ուղեկցել մինչև մոտակա բնակավայրերը։ Իրենց ընտանիքների փրկության համար գաղթականներն ընդունեցին առաջարկված պայմանները։ Մորմոնները հեռացան, իսկ հետո վերադարձան երեսուն թե քառասուն մարդուց բաղկացած զինված ջոկատով։ Գաղթականները շարասյուն կազմեցին․ առջևում գնում էին կանայք ու երեխաները, նրանց հետևից տղամարդիկ և, ի վերջո, շարասյունը եզրափակում էր մորմոնների պահակախումբը։ Երբ այդ կարգով նրանք անցան մոտավորապես մեկ մղոն, տրվեց ազդանշանը, և սկսվեց ջարդը։ Համարյա բոլոր տղամարդիկ տեղնուտեղը սպանվեցին մեջքներին արձակված կրակոցներով։ Միայն երկուսին հաջողվեց փախչել հարյուր հիսուն մղոն դեպի անապատի խորքը, բայց նրանց հետևից հասան այնտեղ ու սպանեցին։ Կանայք ու երեխաները փախչելով մի երկու հարյուր յարդ, ոչնչացվեցին «պահակախմբի» ու հնդկացիների կողմից։ Ամբողջ գումակից ողջ մնաց միայն տասնյոթ երեխա, որոնցից ամենամեծը յոթ տարեկան չկար։ Այսպես 1857 թվականի սեպտեմբերի 10-ին կատարվեց մեր հայրենիքի ողջ պատմության մեջ ամենադաժան, ստոր և արյունարբու սպանդներից մեկը»։
Այդ սպանդում մորմոնները ոչնչացրել են հարյուր քսան մարդ։
Անօրինակ արիությամբ դատավոր Կրեդլբոն բացեց դատարանի նիստը և Մորմոնիային պատասխանատվության կանչեց զանգվածային սպանության համար։ Ինչպիսի՜ պատկեր։ Խստադեմ, միայնակ, հպարտ ու քաջարի վետերանը, որ զայրալից նայում էր մորմոն երդվյալներին և ամբողջապես մորմոններից կազմված հասարակությանը, մեկ ծանակում նրանց, մեկ էլ նրանց վրա էր տեղում իր ցասման շանթերը։
Ահա թե «Տերիտորիալ էնտերփրայզը» ինչ է գրել այդ իրադարձությանը նվիրված առաջնորդողում․
«Նա խոսում և գործում էր Ջեկսոնին վայել անվեհերությամբ ու վճռականությամբ, բայց երդվյալները հրաժարվեցին ընդունել հանցակազմը և չուզեցին նույնիսկ արտահայտվել մեղադրական ակտի առանձին կետերի վերաբերյալ․ ամեն կողմից սպառնալիքներ էին լսվում դատավորի և կառավարական զորքերի հասցեին, որոնց նպատակն էր նրանց ստիպել հետ կանգնել իր բռնած գծից։
Համոզվելով, որ երդվյալները միանգամայն անօգտակար են, դատավորը նրանց արձակեց, նրանց վրա թափելով իր սարկազմի թույնը։ Այնուհետև, օժտված լինելով գործադիր իշխանությամբ, նա միայնակ, առանց որևէ կողմնակի օգնության, գործի անցավ։ Նա հարցաքննում էր վկաներին, ամենուրեք ձերբակալություններ էր կատարում ու դրանով իսկ այնպիսի շփոթություն առաջացրեց «սրբերի» շարքերում, ինչպիսին նրանք չէին տեսել մորմոնյան համայնքի հիմնադրման օրից։ Ահաբեկված ավագներն ու եպիսկոպոսները, ըստ վերջին տեղեկությունների, փախչում էին, փրկելով իրենց կաշին․ դրան հաջորդեցին զարմանալի մերկացումներ, և պարզվեց, որ եկեղեցու ամենաբարձր սպասավորները խառն են «հեթանոսների» այն բազմաթիվ սպանություններին ու կողոպուտներին, որ տեղի էր ունեցել վերջին ութ տարում»։
Եթե այն ժամանակ Յուտայի նահանգապետը Հարնին լիներ, Կրեդլբոն նրա մոտ աջակցություն կգտներ, և այն ժամանակ վերջին սպանդի, ինչպես նաև մինչ այդ կատարված շատ սպանությունների համար մորմոնների մեղավորության վերաբերյալ նրա բերած ապացույցները քաղաքացիներից ոմանց կտրամադրեր ձրի դաղաղ և միևնույն ժամանակ դրանից օգտվելու հնարավորություն։ Բայց այն ժամանակ ֆեդերալ նահանգապետի պաշտոնը զբաղեցնում էր ոմն Քամինգը, որն օբյեկտիվությամբ պարծենալու տարօրինակ ցանկությամբ մորմոններին ամեն կերպ պաշտպանում էր արդարադատությունից։ Մի անգամ նա նույնիսկ մամուլում հանդես եկավ, բողոքելով այն բանի դեմ, որ դատավոր Կրիբլդոն կառավարական զորքերը ներգրավել է իր խնդիրները կատարելու համար։
Տիկին Ուեյթը գազանային սպանդի մասին իր վերին աստիճանի հետաքրքիր հաշվետվությունը եզրափակում է հետևյալ դիտողությամբ և հանցանշանների համառոտ տեսությամբ, որն աչքի է ընկնում ճշգրտությամբ, հավաստիությամբ և հստակ ձևակերպումներով․
«Նրանց համար, ովքեր դեռ հակված են կասկածելու, թե Յունգը և նրա մորմոնները մասնակից են եղել այդ գործին, առաջարկվում է հանցանշանների և հանգամանքների ներկա հավաքածուն, որոնք ոչ միայն պարզապես մատնանշում են նրանց մեղավորության հնարավորությունը, այլև ապացուցում են նրանց մեղավորությունը լիակատար հավաստիությամբ։
1. Գործին մասնակից մորմոնների ցուցմունքները, որ վերցրել է դատավոր Կրեդլբոն Միացյալ Նահանգների շերիֆի օգնական Ռոջերսի ներկայությամբ։
2. Այդ գործի վերաբերյալ որևէ հիշատակության բացակայությունը Բրիգեմ Յունգի՝ որպես հնդկացիների գործերի տեսուչի ներկայացրած հաշվետվության մեջ։ Նմանապես այդ ամենի մասին լիակատար լռությունը եկեղեցում, որը խախտվեց հիշատակված իրադարձություններից մի քանի տարի հետո միայն։
3. Այդ գործով ձեռնարկված հետաքննության հենց սկզբից մորմոնների ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների փախուստը լեռներ։
4. Այդ ամբողջ պատմությունը եկեղեցական օրգան «Դեզերետ նյուսի» կողմից լռության մատնելը, միակ թերթի, որ այն ժամանակ լույս էր տեսնում Յուտայում, իսկ երբ մի քանի ամիս հետո թերթն արտահայտվեց այդ առթիվ, ապա միայն նրա համար, որպեսզի ժխտեր մորմոնների մասնակցությունը կատարված հանցագործություններին։
5. Սպանդից հետո ողջ մնացած երեխաների ցուցմունքները։
6. Այն փաստը, որ կոտորածի հաջորդ իսկ օրը մորմոնների մի շարք ընտանիքներում երևացին սպանվածների ինչպես երեխաները, այնպես էլ նրանց պատկանած գույքը։
7. Կոտորածի վայրից ոչ հեռու գտնված հնդկացիների ցուցմունքները, այդ ցուցմունքները բերվում են ոչ միայն Կրեդլբոյի և Ռոջերսի կողմից, այլև հաստատվում են մի շարք սպաների, ինչպես նաև Ջ․ Ֆորնեյի կողմից, որը 1859 թվականին զբաղեցնում էր Յուտայի տարածքում ապրող հնդկացիների գործերի տեսչի պաշտոնը։ Հնդկացիներն իրենց ցուցմունքը հիշյալ անձանց տալիս էին հոժարակամ և բազմիցս։
8. Դրագունյան 2-րդ գնդի կապիտան Ռ․ Պ․ Քեմբելի ցուցմունքները․ Քեմբելը 1859 թվականի գարնանը գործուղվել է Սանտա Կլարա՝ Կալիֆոռնիա ուղևորվող ճանապարհորդների պահպանության, ինչպես նաև նրանց վրա հնդկացիների հարձակման դեպքերը հետաքննելու համար։
==«Ծոցատետրից»==
(1892 ― 1895: Գերմանիա։ Իտալիա։ Անգլիա։ Ֆրանսիա։)
Առաջին իսկ կիրակի օրը գնացի եկեղեցի, իսկ երեքշաբթի ստացա քսան մարկի հաշիվ եկեղեցուն օժանդակելու համար։ Բավական է։ Չեմ կարող ինձ թույլ տալ կրոնը դավանել այդպիսի գնով։ Այստեղ հոգու փրկությունը հարուստների համար է։
Բոբ Ինգերսոլը պատմել է երիցական մի սրբի մասին, որը դրախտից դժոխք էքսկուրսիայի մեկնելիս վճարել էր գնալ֊գալու համար, իսկ հետո վերադարձի տոմսը ոչ ոքի չէր կարողացել վաճառել։
Ջայպուրում կրկնեցի մրջյունների հետ Ջոն Լեբոկի կատարած փորձերը և նույն արդյունքները ստացա։ Հետո սեփական փորձեր կատարեցի։ Դրանք ցույց տվեցին, որ մրջյունները լավ են կողմնորոշվում հետաքրքրությունների ոլորտում։ Ես կառուցեցի չորս մանրիկ տաճար՝ մուսուլմանական մզկիթ, հնդկական սրբավայր, հրեական սինագոգ ու քրիստոնեական մայր եկեղեցի, և դրանք դասավորեցի կողք կողքի։ Այնուհետև տասնհինգ մրջյունների վրա կարմիր ներկով նշան արեցի և ազատ արձակեցի։ Նրանք հետ ու առաջ էին վազում, նայում էին տաճարներին, բայց ներս չէին մտնում։ Ես բաց թողեցի ևս տասնհինգ մրջյուն, նրանց վրա նշան անելով կապույտ ներկով։ Նրանք իրենց պահում էին այնպես, ինչպես նրանց կարմիր եղբայրակիցները։ Ես ոսկեզօծեցի և բաց թողեցի ևս տասնհինգ մրջյուն։ Արդյունքը նույնը եղավ։ Բոլոր քառասունհինգ մրջյունները վազվզում էին, առանց մի րոպե կանգ առնելու, մոտենում էին բոլոր տաճարներին, բայց նրանցից ոչ մեկի մեջ չէին մտնում։ Ես ապացուցված համարեցի, որ իմ ընտրած մրջյունները չունեն կրոնական հաստատ համոզմունքներ, դա անհրաժեշտ նախադրյալ էր հաջորդ, էլ ավելի կարևոր փորձի համար։
Յուրաքանչյուր տաճարի մուտքի առջև դրեցի սպիտակ թուղթ։ Մզկիթի առջևի թղթի վրա դրեցի մի կտոր մածկան, սրբավայրի մուտքի մոտ՝ մի փոքր ձյութ, սինագոգի մուտքի առջև մի կաթիլ սկիպիդար կաթեցրեցի և մայր եկեղեցու մուտքի առջև մի կտոր շաքար դրեցի։ Բաց թողեցի կարմիր մրջյուններին։ Նրանք չմոտեցան մածկանին, ձյութին ու սկիպիդարին և ագահությամբ ու, ինչպես ինձ թվաց, անկեղծ զգացումով հարձակվեցին շաքարի վրա։ Ես ազատ արձակեցի կապույտներին․ սրանք ճշգրտորեն կրկնեցին կարմիրների գործողությունները։ Ոսկեզօծները, առանց մի բացառության, վարվեցին նույն կերպ։ Դա անտարակուսելիորեն ապացուցեց, որ մրջյունները, զուրկ լինելով որոշակի դավանանքից, ընտրության հնարավորության դեպքում, մյուս բոլոր կրոնների համեմատությամբ, նախապատվությունը տալիս են քրիստոնեական կրոնին։
Փորձը ստուգելու համար մրջյուններին փակի տակ առա և մածկանը տեղափոխեցի մայր եկեղեցու առջև, իսկ շաքարը դրեցի մզկիթի առջև։ Այնուհետև միանգամից բաց թողեցի բոլոր մրջյուններին, և նրանք խմբով նետվեցին դեպի մայր եկեղեցին։ Ես մինչև հոգուս խորքը զգացված էի, և գնացի հարևան սենյակը, գրի առնելու այդ հիանալի փորձը։ Վերադառնալով, տեսա, որ բոլոր մրջյունները հրաժարվել են քրիստոնեական հավատից և անցել են մահմեդականության։ Ես հասկացա, որ շտապել էի հետևություն անելու։ Անհարմար վիճակի մեջ ընկա և դառնություն զգացի։ Ինքս իմ նկատմամբ արդեն այնքան էլ վստահություն չունենալով, որոշեցի փորձը հասցնել մինչև վերջ։ Շաքարը դրեցի սկզբում երրորդ, իսկ հետո՝ չորրորդ տաճարի առջև։ Ես ի՞նչ պարզեցի։ Որ տաճարի առաջ դնում էի շաքարը, այնտեղ էլ կուտակվում էին մրջյունները։ Այդ ճանապարհով հանգեցի այն անհերքելի հետևությանը, որ կրոնի վերաբերմամբ մրջյունը մարդու կատարյալ հակադրությունն է։ Մարդը գնում է այն տաճարը, որտեղ իսկական հավատ են սովորեցնում։ Իսկ մրջյունը այն տաճարն է գնում, որտեղ շաքար են տալիս։
Եթե ինձ հանձնարարեն աստված ստեղծել, ես նրան կօժտեի բնավորության որոշ գծերով և որոշ հատկություններով, որ չունի ներկայիս (աստվածաշնչյան) աստվածը։
Նա մարդուց չէր խնդրի գովասանք ու շողոքորթություն և բավականաչափ մեծահոգի կլիներ ու դրանք ուժով չէր պահանջի։ Նա պետք է իրեն հարգեր ոչ պակաս, քան ամեն մի օրինավոր մարդ։
Նա չէր լինի վաճառական, չարչի։ Նա չպետք է գներ շողոմ գովասանքներ։ Նա վաճառքի չէր հանի երկրային ուրախությունները և հավիտենական երանությունը, այդ ապրանքը չէր վաճառի աղոթքի դիմաց։ Ես նրան կներշնչեի սեփական արժանապատվության զգացում, որ հատուկ է օրինավոր մարդուն։
Նա կգնահատեր միայն այնպիսի սերը իր նկատմամբ, որ ծնվում է ինքնին, ի պատասխան բարության, և կարհամարեր այնպիսի սերը, որ պայմանավորվածությամբ վճարում են բարերարության համար։ Կատարած մեղքի համար անկեղծորեն զղջալը մեղքը կքավեր ընդմիշտ, և հոգու խորքում զղջացող մարդուց ոչ ոք չէր սպասի ու չէր պահանջի բանավոր խնդրանք ներման մասին։
Նրա աստվածաշնչում չէր լինի մահացու մեղք։ Նա իրեն կճանաչեր որպես մեղքի հեղինակ և գյուտարար, իսկ հավասարապես նաև մեղք գործելու ուղիների ու եղանակների հեղինակ և գյուտարար։ Կատարվող մեղքերի համար պատասխանատվության ողջ ծանրությունը նա կդներ նրա վրա, ով մեղավոր է դրանց համար, իրեն կճանաչեր որպես գլխավոր ու միակ մեղավոր։
Նա չէր լինի նախանձ ու մանրախնդիր։ Նույնիսկ մարդիկ արհամարհում են իրենց մեջ այդ հատկանիշը։
Նա չէր լինի պարծենկոտ։
Նա կթաքցներ, որ հիանում է ինքն իրենով։ Նա կհասկանար, որ իր գրաված դիրքում իրեն գովելը վատ բան է։ Նա չէր ունենա քինախնդիր զգացմունքներ․ այդ ժամանակ նա քինախնդիր ճառեր չէր արտասանի։
Չէր լինի ոչ մի դժոխք, չհաշված այն, որի մեջ մենք ապրում ենք օրորոցից մինչև գերեզման։ Չէր լինի ոչ մի դրախտ, համենայն դեպս այն, որ նկարագրված է բոլոր կրոնների աստվածաշնչերում։
Նա իր հավերժության մի փոքր բաժինը կնվիրեր այն բանին, որ մտածեր, թե ինչու է մարդուն դժբախտ ստեղծել, երբ կարող էր նույն ջանքերի գործադրմամբ նրան երջանիկ դարձնել։ Մնացած ժամանակ նա կլրացներ աստղաբաշխության մասին իր տեղեկությունները։
1898։ ― Շատ հարյուրամյակների ընթացքում սատանան գրավում է մարդկության չորս հինգերորդի հոգևոր գլխավորի և ամբողջ մարդկային ցեղի քաղաքական գլխավորի ականավոր դիրքը․ այնպես որ չի կարելի չընդունել նրա առաջնակարգ կազմակերպչական ընդունակությունները։ Նրա կողքին մեր բոլոր քաղաքագետները, Հռոմի պապերը բզեզիկներ են, որոնց պետք է դիտել խոշորացույցով։
Նա չունի վճարովի ոչ մի օգնական։ Նրա հակառակորդները մեկ միլիոն են։
Ոմանք երկրպագում են աստիճաններ, մյուսները՝ հերոսներին, ոմանք՝ ուժը, մյուսները՝ աստծուն, դրա պատճառով նրանք վիճում են միմյանց հետ, բայց բոլորն էլ միահամուռ երկրպագում են փողը։
Աստված չունի կայուն բնավորություն, հաստատուն համոզմունքներ։ Նա պետք է կաթոլիկ լինի կամ երիցական, կամ մեկ ուրիշ բան, միևնույն է թե ինչ, բայց չձգտի հասնել միանգամից ամեն տեղ։
Եկեք սատանայի անունից հայհոյենք, քանի դեռ ժամանակ կա, դրախտում մեզ թույլ չեն տա։
Մարդը ստեղծվել է արարչագործման վերջին օրը, երբ աստված արդեն հոգնել էր։
Երբ կարդում ես Աստվածաշունչը, ավելի շատ զարմանում ես աստծու անտեղյակության, քան թե նրա ամենագիտության վրա։
Եթե մարդուն մարդը ստեղծեր, նա կամաչեր իր աշխատանքի պտուղի համար։
Աստված կատաղի է Հին կտակարանում և հմայիչ է Նորում, սրբազան վեպի դոկտոր Ջեկիլ և պարոն Հայդ։
Ոչ մի բան չի զարմացնում այնպես, ինչպես հրաշքը, գուցե լոկ այն միամտությունը, որով հավատում են դրան։
Միայն մեռածները խոսքի ազատություն ունեն։
Միայն մեռածներին է թույլատրվում ճշմարտությունն ասել։
Ամերիկայում, ինչպես որ ամենուրեք, խոսքի ազատությունը մեռածների համար է։
Չկա մարդուն պատկանող մի իրավունք, որը բռնության արդյունք չլինի։
Չկա և մի իրավունք, որ անխախտ լինի։
Այն միշտ կարելի է ոչնչացնել հերթական բռնության միջոցով, հետևաբար, մարդը չունի և ոչ մի անխախտ իրավունք։
Աստված ներկայացնում է բռնությունը (նա խորամանկ է, անհուսալի, չարակամ)։
==Աստվածաշնչյան խրատներ և կրոնական գործելակերպ==
Այն փոփոխությունները, որոնց ենթարկվել են քաղաքակրթությունը և ազգային բնույթը, երբեք չեն կատարվել առանց կրոնի ամենաակտիվ մասնակցության։ Այդպես եղել է մարդկության ամբողջ պատմության ընթացքում և, անտարակույս, այդպես կլինի բոլոր ժամանակներում։ Համենայն դեպս, այնքան ժամանակ, մինչև որ մարդը, դանդաղ էվոլյուցիայի միջոցով, վերածվի իրոք հիանալի ու վեհ մի բանի, որի համար կպահանջվի էլի միլիարդավոր տարիներ։
Քրիստոնեական աստվածաշունչը, ըստ էության, մի դեղատուն է։ Նրա դեղանյութերի տեսականին մնում է անփոփոխ, փոխվում են միայն դրանք օգտագործելու եղանակները։ Տասնութ դարերի ընթացքում այդ փոփոխությունները հազիվ նկատելի էին։ Եղանակը մնում էր այլաբուժությունը՝ դրա ամենակոպիտ ու դաժան ձևով։ Բութ և տգետ հեքիմը օր ու գիշեր առանց ձեռքերը ծալելու անասելիորեն մեծ բաժիններով իր հիվանդի ստամոքսն էր լցնում ամենազզվելի դեղեր, ինչպիսիք միայն կարելի էր գտնել դեղապահեստում։ Նա հիվանդից արյուն էր թողնում, բանկաներ էր գցում, տալիս էր փսխադեղ և լուծողական, թքահոսություն էր առաջացնում, հիվանդին երբեք հնարավորություն չտալով կազդուրվելու և վերկանգնելու բնական ուժերը։ Այդպիսի հոգևոր հիվանդության վիճակում նրան պահում էր տասնութ դար, և այդ ամբողջ ժամանակամիջոցում հիվանդին բաժին չընկավ և ոչ մի լուսավոր օր։ Ինչ վերաբերում է դեղորայքի պաշարին, այն միշտ հավասարապես բաղկացած էր լինում կործանարար կամ թուլացնող թույներից և բուժիչ, հանգստացնող դեղերից։ Ասենք, հոգևոր հեքիմը, ելնելով երկարամյա փորձից, միշտ դիմում էր միայն առաջիններին և, հետևաբար, իր խնամառուին կարող էր միայն վնաս հասցնել, ինչ էլ նա անում էր։
Ոչ հեռավոր անցյալում, արդեն մեր հարյուրամյակում, բուժման եղանակներում զգալի փոփոխություններ կատարվեցին։ Ճիշտ է, դա տեղի ունեցավ հիմնականում, կամ, ավելի ճիշտ, միայն Անգլիայում և Միացյալ Նահանգներում։ Մյուս երկրներում հիվանդը մեր օրերում կամ առաջվա նման օգտվում է միջնադարյան միջոցներից, կամ էլ լիովին յոլա է գնում առանց բժշկի։
Անգլախոս երկրներում մեր հարյուրամյակում նկատվող փոփոխությունները պայմանավորված էին նրանով, որ հիվանդն ըմբոստացավ բուժման եղանակների դեմ․ համենայն դեպս, հեքիմներն այդ փոփոխությունը չէին նախատեսել։ Հիվանդը որոշեց ինքն իրեն բուժել, և հեքիմը տեսավ, որ հիվանդների թիվը աղետալիորեն պակասում է։ Այդ ժամանակ, առանց աշխատանքի չմնալու համար, հեքիմը որոշեց ձևափոխել իր եղանակը։ Նա այդ անում էր աստիճանաբար, խիստ դժկամությամբ, և միայն այն դեպքում, երբ հանգամանքները նրան հարկադրում էին։ Նախ և առաջ նա դադարեց հիվանդին ամեն օր դժոխք ու հավիտենական նզովք հրամցնել և կարգադրեց դրանք ընդունել միայն օրընդմեջ։ Հետո սկսեց դրանք գործադրել ավելի ու ավելի սակավ։ Իսկ երբ նա սահմանափակվեց կիրակի օրերով և որոշեց, որ դրա վրա կարելի է կանգ առնել, հայտնվեց նմանաբույժը, նրան ստիպեց լիովին հրաժարվել դժոխքից ու հավիտենական նզովքից և դրանց փոխարեն կիրառության մեջ դրեց քրիստոնեական սերը, մխիթարանքը, գթասրտությունն ու կարեկցությունը։ Իսկ դրանք միշտ լիառատությամբ կային եկեղեցու դեղատանը, և դրանց ոսկեփայլ պիտակները հատկապես աչքի էին զարնում զզվելի լուծողականների, փսխադեղերի ու թույների շարքում, որոնց կողքին դրանք շողշողում էին երկար դարակների վրա։ Եվ դեղագործներին չէ, որ պետք է մեղադրել այն բանի համար, որ դրանք չէին կիրառվում․ պարզապես այդպիսին էին բուժման եղանակները։ Հիսուն տարի առաջ ապրած եկեղեցական բժշկի համար նրա բոլոր նախորդները տասնութ դարերի ընթացքում սոսկ հեքիմներ էին եղել․ ժամանակակից եկեղեցական բժշկի համար հիսուն տարի առաջ ապրած նրա նախորդը նույնպիսի հեքիմ է եղել։ Երբևիցե ի՞նչ կդառնա ներկայիս եկեղեցական բժշիկը մի մարդու աչքում, որն ինքն իր համար հոգևոր բժիշկ կինի։ Եթե միայն կանգ չառնի և հորինվածք չհամարվի էվոլյուցիան, որն իրողություն էր դեռ այն ժամանակներում, երբ Երկիրը, Արեգակը և արեգակնային համակարգության բոլոր մոլորակները ասուպային փոշու սոսկ թռչող մշուշ էին, ապա միանգամայն պարզ է, թե ինչպիսի ճակատագիր է պատրաստված արդի եկեղեցական բժշկի համար։
Այն եղանակները, որոնց դիմում են եկեղեցականները, շատ հետաքրքրական են, իսկ դրանց պատմությունը՝ ուշագրավ։ Բոլոր ժամանակներում հռոմեական եկեղեցին ունեցել է իր ստրուկները, գնել և վաճառել է նրանց, հավանություն տվել սրտկավաճառությանը, խրախուսել է այն։ Այն բանից հետո, երբ որոշ քրիստոնյա ժողովուրդներ ազատագրեցին իրենց ստրուկներին, եկեղեցին դեռ երկար ժամանակ շարունակում էր ստրուկներ պահել։ Բայց մի՞թե կարելի է տարակուսել, որ եկեղեցին չէր կարող այլ կերպ վարվել․ չէ որ այդ ամենը նա կատարում էր Տիրոջ կամքին համապատասխան, իսկ ինքը նրա միակ ներկայացուցիչն էր երկրի վրա, նրա Աստվածաշնչի լիազոր ու անսխալական մեկնաբանը։ Գոյություն ուներ սուրբ գիրք, որը կարելի էր մեկնաբանել միայն այսպես, և ոչ այլ կերպ․ եկեղեցին միշտ իրավացի էր․ նա վարվում էր միմիայն այնպես, ինչպես նրան պատվիրում էր Աստվածաշունչը։ Հավատացած լինելով իր իրավացիությանը, եկեղեցին շատ դարերի ընթացքում ոչ մի անգամ իր ձայնը չբարձրացրեց ստրկության դեմ։ Այսօր մենք վերջապես լսում ենք, որ Հռոմի պապը ստրկավաճառությունը մեղք է հայտարարել և նույնիսկ հատուկ արշավախումբ է ուղարկում Աֆրիկա, որպեսզի դադարեցնի նոր ստրուկների որսը։ Այսպես ուրեմն, դավանանքները նույնն են մնացել, փոխվել է միայն գործելակերպը։ Ինչու՞։ Այն պատճառով, որ մարդկությունը որոշել է ուղղումներ կատարել Աստվածաշնչի մեջ։ Եկեղեցին ինքը երբեք այդ բանը չի ձեռնարկում, բայց նա միևնույն ժամանակ երբեք բաց չի թողնում իրադարձությունների պոչում հարմարվելու և ուրիշի ծառայություններն իրեն վերագրելու առիթը։ Նա հենց այդպես է վարվում նաև տվյալ դեպքում։
Քրիստոնյա Անգլիան 250 տարվա ընթացքում պաշտպանում և հավանություն էր տալիս ստրկությանը, իսկ նրա սուրբ հայրերը միայն դիտում էին, ժամանակ առ ժամանակ ակտիվորեն մասնակցելով ստրկավաճառությանը, իսկ ժամանակ առ ժամանակ էլ մի կողմ քաշվելով։ Կարելի է, իհարկե, պնդել, որ այդ գործում Անգլիայի հետապնդած շահերը քրիստոնեական շահեր էին և որ ամբողջ ստրկավաճառությունը զուտ քրիստոնեական բնույթ էր կրում։ Անգլիան ավելի, քան մեկ ուրիշ երկիր, ջանքեր գործադրեց երկար դարերից հետո ստրկավաճառությունը վերածնելու համար, և, վերջ ի վերջո, ստրուկների վաճառքը ասես թե դարձավ քրիստոնեական մենաշնորհ, այլ կերպ ասած, անցավ միայն քրիստոնյա ժողովուրդների ձեռքը։ Անգլիական պառլամենտները պաշտպանում էին ստրկավաճառությունը և հովանավորում էին այն։ Անգլիական երկու թագավորներ ստրուկներ վաճառող ընկերությունների փայատերեր էին։ Անգլիացի առաջին պրոֆեսիոնալ ստրկորս Ջոն Հոկինսը,<ref>XVI դ․ ստրկավաճառությամբ զբաղվող անգլիացի ծովակալ։ ― Ծան․ ռուս․ խմբ․։</ref> որի հիշատակը զարդ էլ մեծարում են, իր երկրորդ արշավանքի ժամանակ այնպիսի ավերածություններ կատարեց, այնպես հաջողությամբ էր նա հարձակվում բնիկների գյուղերի վրա, կրակի մատնելով դրանք, խեղանդամ դարձնելով, ոչնչացնելով, բռնելով ու ստրկության վաճառելով դրանց անմեղ բնակիչներին, որ հիացած թագուհին նրան ասպետի կոչում շնորհեց, այն նույն կոչումը, որով մի ժամանակ պարգևատրում էին առավել արժանավորներին, որոնք սխրանքներ էին կատարել ի փառս քրիստոնեության։ Նորաթուխ ասպետը զուտ անգլիական ուղղամտությամբ և կոպտաբարո պարզամտությամբ իր գերբի վրա նկարել էր ծնկաչոք, շղթայակապ նեգր ստրուկի։ Սըր Ջոնի գործունեությունը իսկական քրիստոնեական գյուտ էր, և քառորդ հազարամյակի ընթացքում այդ արյունալի ու սարսափելի մենաշնորհը մնում էր քրիստոնյաների ձեռքում։ Դրա միջոցով ավերում էին տները, բաժանում ընտանիքները, առանձին֊առանձին ստրկացնելով տղամարդկանց և կանանց, փշրում էին անհամար թվով մարդկային սրտեր, և այդ ամենը միմիայն նրա համար, որպեսզի քրիստոնյա ազգերը կարողանային ծաղկել և ապրել լիության մեջ, կառուցվեին քրիստոնեական եկեղեցիներ, իսկ հեզ ու գթասիրտ Փրկչի քարոզը տարածվեր ամբողջ երկրում։ Թեև առաջ այդ բանը ոչ ոք չէր էլ կասկածում, հիմա պարզ է, որ սըր Ջոնի նավի անունը իր մեջ թաքցնում էր ծածուկ մարգարեություն։ Չէ որ այդ նավը «Հիսուս» էր կոչվում։
Սակայն եկավ այն օրը, երբ ոչ լիարժեք մի անգլիացի քրիստոնյա ըմբոստացավ ստրկության դեմ։ Հետաքրքիր փաստ՝ երբ քրիստոնյան ըմբոստանում է արմատացած չարիքի դեմ, դա համարյա թե միշտ ոչ լիարժեք քրիստոնյա է, որը պատկանում է որևէ երկրորդական, բոլորի կողմից արհամարհված մի աղանդի։ Կատաղի պայքար բորբոքվեց, բայց, վերջ ի վերջո, հարկ եղավ ստրկավաճառությունից հրաժարվել։ Աստվածաշնչի խրատները մնացին, փոխվեց գործելակերպը։
Իսկ այնուհետև կատարվեց սովորական մի բան։ Մեր երկիրն այցելած մի անգլիացի, մեկը նրանցից, ովքեր միշտ տեսնում են ուրիշի աչքի շյուղը, մեր ստրկությունից սարսափած երկինք կարկառեց իր բարեպաշտ ձեռքերը։ Նրա վիշտն աննկարագրելի էր, բառերը լի էին դառնությամբ ու արհամարհանքով։ Ճիշտ է, նա ողբում էր հատկապես մեր ստրուկներին, որոնց թիվը մեկուկես միլիոնից էլ պակաս էր, այն ժամանակ, երբ նրա Անգլիան առաջվա նման իր անդրծովյան տիրույթներում ուներ տասներկու միլիոն ստրուկ, բայց դա չչափավորեց նրա հառաչանքները, չդադարեցրեց նրա արցունքները, չմեղմացրեց անողոք դատապարտումները։ Այն փաստը, որ ամեն անգամ, երբ մեր նախնիները փորձել են ազատվել ստրկությունից, հենց Անգլիան է ամեն տեսակ խոչընդոտներ հարուցել և ձախողել մեր բոլոր ծրագրերը, նրա համար ոչ մի նշանակություն չուներ․ չէ որ այդ ամենը արդեն պատմության սեփականությունն էր դարձել և անգամ հիշատակության արժանի չէր։
Բայց, վերջապես, մենք էլ ուրիշ հավատի անցանք և նույնիսկ սկսեցինք մեր ձայնը բարձրացնել ստրկության դեմ։ Ամենուրեք գտնվեցին փափկասիրտ մարդիկ, երկրի ամեն մի անկյունում ցանկության դեպքում կարելի էր գտնել ստրուկի նկատմամբ աճող խղճահարության թեկուզ մանրագույն նշան։ Ամեն մի անկյունում, բացի եկեղեցուց։ Ճիշտ է, վերջ ի վերջո, չդիմացավ նաև եկեղեցին։ Նա հո միշտ այդպես է վարվել։ Սկզբում կատաղի ու համառ պայքար է մղում, իսկ այնուհետև նույնն է անում, ինչ որ միշտ՝ աշխատում է բռնել իրադարձությունների պոչից։ Ստրկությունը վերացավ։ Այն արդարացնող գիրքը մնաց, փոխվեց միայն գործելակերպը։ Ահա և բոլորը։
Շատ դարեր գոյություն են ունեցել վհուկներ։ Այդպես է, համենայն դեպս, պնդել Աստվածաշունչը։ Եվ հենց Աստվածաշունչն էլ հրամայում էր ոչնչացնել նրանց։ Այդ պատճառով էլ եկեղեցին, որ 800 տարվա ընթացքում իր պարտականությունները կատարում էր ծուլորեն ու դժկամությամբ, իր այդ սրբազան առաքելության իրականացմանը ձեռնամուխ եղավ լրջորեն՝ կախաղանների, խոշտանգման գործիքների ու բոցավառ խարույկների միջոցով։ Ինը դարերի ընթացքում ամենօրյա ջանադիր աշխատանքով եկեղեցին բանտերը նետեց, խոշտանգումների ենթարկեց, կախաղան բարձրացրեց և խարույկների վրա այրեց վհուկների ամբողջ բանակներ, ամբողջ քրիստոնեական աշխարհը մաքուր լվանալով նրանց պիղծ արյամբ։
Բայց անսպասելիորեն հայտնի դարձավ, որ ոչ մի վհուկ չկա ու երբեք էլ չի եղել։ Այստեղ արդեն չգիտես՝ ծիծաղես, թե լաց լինես։ Իսկ ո՞վ հայտնագործեց, որ վհուկներ չկան։ Գուցե եկեղեցականնե՞րը։ Ոչ, նրանք երբեք որևէ հայտնագործություն չեն արել։ Սալեմում <ref>Քաղաք ԱՄՆ֊ում, որտեղ եկեղեցականները հատկապես եռանդագին էին «վհուկների որս» անում։ Ծան․ ռուս․ խմբ․։</ref> մի քահանա սրտառուչ համառությամբ շարունակում էր կառչած մնալ սուրբ գրքից, որը կոչ էր անում ոչնչացնել վհուկներին նույնիսկ այն բանից հետո, երբ ծխականները, որոշելով այս անգամ մոռացության մատնել Աստվածաշունչը, արցունքներն աչքերին զղջում էին այն հանցագործությունների ու դաժանությունների համար, որ նրանց ստիպել էին կատարել։ Քահանան էլի արյուն էր ուզում, էլի մերկացումներ, էլի դաժանություններ, և հենց սրբությամբ չհամակված ծխականները՝ ահա թե ովքեր կանգնեցրին նրա ձեռքը։ Շոտլանդիայում մի քահանա վհուկին սպանել էր արդեն այն բանից հետո, երբ դատարանը նրան անմեղ էր ճանաչել։ Իսկ երբ ավելի կարեկից քաղաքացիական իշխանություններն առաջարկեցին օրենքների ժողովածուից հանել վհուկների դեմ ուղղված զզվելի հոդվածները, եկան տերտերները և խնդրանքներով, արցունքներով ու նզովքներով ճգնում էին նրանց հարկադրել չանել այդ բանը։
Վհուկներ չկան։ Բայց Աստվածաշունչը, որն ընդունում է նրանց գոյությունը, մնում է։ Փոխվել է միայն գործելակերպը։ Ոչ մի դժոխային կրակ չկա, իսկ Աստվածաշունչը շարունակ վախեցնում է դրանով։ Մտացածին բան դուրս եկավ նախածին մեղքը, բայց Աստվածաշունչը շարունակում է պնդել, որ այն կա։ Մահապատիժ նախատեսող ավելի քան երկու հարյուր հոդվածներ անհետացել են օրենքների ժողովածուից, բայց դրանք ծնող Աստվածաշունչը մնում է։
Մի՞թե ուշադրության արժանի չէ այն փաստը, որ Աստվածաշնչի բազում ասույթներից, որոնց դիպել է մարդու ոչնչացնող գրիչը, նա ոչ մի անգամ չի ջնջել ոչ մի բարի ու օգտակար բան։ Իսկ եթե այդպես է, ուրեմն, կարելի է հուսալ, որ լուսավորության հետագա զարգացման դեպքում մարդն, ի վերջո, կկարողանա իր կրոնական գործելակերպին տալ որոշ բարեվայելչություն։
==Հոտերի մասին==
«Ինդեպենդենտի» վերջին համարում բրուկլինցի սուրբ հայր Տոլմեջը հետևյալ ձևով է արտահայտվում հոտերի վերաբերյալ թեմայի շուրջը․
«Ես ունեմ մի բարեկամ, բարի քրիստոնյա․ եթե նա եկեղեցում նստած է առջևի նստարանին, իսկ հետևի դռնից այդ ժամանակ ներս է մտնում մի բանվոր, նա անմիջապես կզգա նրա հոտը։ Իմ բարեկամին կշտամբել, որ նա սուր հոտառություն ունի, ավելի խելացի չէր լինի, քան եթե պոյնտերին ծեծեինք այն բանի համար, որ նրա հոտառությունը ավելի սուր է, քան անխելք բակապահ շան հոտառությունը։ Եթե բոլոր եկեղեցիները դառնային հանրամատչելի, և սովորական մարդիկ լիովին խառնվեին ոչ սովորականներին, քրիստոնեական աշխարհի կեսը մշտապես կտառապեր սրտխառնուքից։ Իսկ եթե դուք մտադիր եք այդ կերպ եկեղեցին սպանել տհաճ հոտերով, ես չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ ավետարանի ձեր քարոզի հետ»։
Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ բանվոր մարդիկ էլ կլինեն դրախտում․ ու նաև զգալի թվով նեգրեր, էսկիմոսներ, Հրո երկրի բնակիչներ, արաբներ, մի քանի հնդկացիներ, իսկ հնարավոր է, որ անգամ՝ իսպանացիներ և պորտուգալացիներ։ Աստված ամեն բանի ընդունակ է։ Այդ բոլոր մարդիկ դրախտում մեր կողքին կլինեն։ Բայց, ավա՜ղ, ձեռք բերելով նրանց ընկերակցությունը, մենք կկորցնենք դոկտոր Տոլմեջի ընկերակցությունը։ Իսկ դա նշանակում է, որ մենք կորցնում ենք նրան, ով կկարողանար երկնքին տալ ավելի շատ իսկական «աշխարհիկություն», քան որևէ ուրիշ մահկանացու, որին միայն կարող է զոհաբերել Բրուկլինը։ Եվ առհասարակ, ինչ կլինի հավիտենական ուրախությունը առանց դոկտորի։ Այո, իհարկե, երանություն, դա մենք այնպես էլ հիանալի գիտենք, բայց այն կլինի՞, արդյոք, distinque,<rer>Արժեքավոր (ֆր․)։</ref> այն կլինի՞, արդյոք, recherche<ref>Նրբին (ֆր․)։</ref> առանց նրա։ Ս․ Մատթեոսին՝ ոտաբոբիկ, ս․ Երեմիային՝ գլխաբաց, մինչև կրունկները հասնող խալաթ, ս․ Սեբաստիանին՝ համարյա մերկ․ սրանց, իհարկե, մենք կտեսնենք և բավականություն կստանանք այդ տեսարանից, բայց, արդյոք, մենք ֆրակի ու լայքայե ձեռնոցների պակասը չե՞նք զգա և երես չե՞նք թեքի դառն ափսոսանքի զգացումով ու, արդյոք, Արևելքից եկած հյուրերին չե՞նք ասի․ «Այդ բոլորն այդպես է, բայց դուք գոնե աչքի պոչով տեսնեիք բրուկլինցի Տոլմեջին․․․» Վախենում եմ, թե լավագույն աշխարհում մեզ հետ չլինի նաև «բարի քրիստոնյան»՝ պարոն Տոլմեջի բարեկամը։ Եվ իրոք, եթե այնպես պատահեր, որ նա նստած լիներ աստծու գահի փառքով համակված, իսկ բանալեպանն այդ ժամանակներս թողներ, ասենք, Բենջամեն Ֆրանկլինին կամ էլ ինչ֊որ մի աշխատավորի, այդ «բարեկամը» իր փայլուն բնական ընդունակություններով (որոնք անչափ կբազմապատկվեն մարմինը կապանքներից ազատագրվելու շնորհիվ) կզգար նրա համար առաջին իսկ հոտոտումից հետո, անմիջապես կվերցներ իր գլխարկն ու կհեռանար։
Բոլոր արտաքին նշաններով արդարամիտ Տոլմեջը թխված է նույն խմորից, ինչ որ հովվական ծառայության ասպարեզի նրա վաղ նախորդները, և, այնուամենայնիվ, անմիջապես զգացվում է, որ պետք է որոշ տարբերություն լինի նրա և Փրկչի առաջին աշակերտների միջև։ Գուցե բանն այն է, որ ներկայումս՝ տասնիններորդ դարում, դոկոտոր Տոլմեջն ունի առավելություններ, որ Պողոսը, Պետրոսը և մյուսները չեն ունեցել ու չէին կարող ունենալ։ Նրանց պակասել են արտաքին փայլը, լավ շարժուձևը և բացառիկության զգացումը, իսկ դա կամա թե ակամա աչքի է զարնել։ Նրանք ապաքինել են ամենախեղճ աղքատներին և ամեն օր շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց վրայից անտանելի հոտ է եկել։ Եթե այս գրառումների առարկան ընտրված լիներ, առաջինների թվում լիներ տասներկու առաքյալներից մեկը, նա չէր ցանկանա միանալ մնացածներին, որովհետև ի վիճակի չէր լինի տանելու ձկան հոտը, որը կփչեր Գալիլեյան ծովի ափերից եկած մի քանի ընկերներից։ Նա՝ ցած կդներ իր լիազորությունները, դիմելով համարյա այն նույն արտահայտություններին, որ գործածված են վերը բերված քաղվածքում․ «Ուսուցիչ, ― կասեր նա, ― եթե դու մտադիր ես նման եղանակով եկեղեցին սպանել վատ հոտերով, ես չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ ավետարանի քարոզների հետ»։ Նա աշակերտ է և նախօրոք նախազգուշացնում է իր ուսուցչին, բայց ամբողջ դժբախտությունն այն է, որ այդ նա անում է տասնիններորդ, այլ ոչ թե առաջին դարում։
Հետաքրքիր է, պարոն Տոլմեջի եկեղեցում կա՞ արդյոք երգչախումբ։ Իսկ եթե կա, պատահո՞ւմ է, որ նա երբևիցե իջնի այն աստիճանի, որ երգի աշխատողների ու արհեստավորների մասին այնպես կոպիտ կերպով հիշեցնող հիմնը․
<poem>
Ո՜վ, դու, հյուսնի որդի։ Ընդունիր
Իմ փոքր, համեստ աշխատանքը։
</poem>
Եվ հետո, հնարավո՞ր է, որ ոչ լրիվ երկու տասնյակ դարերի ընթացքում քրիստոնեական բնավորությունը, անգամ խարույկը, խաչը և կացինը արհամարհած վեհաշուք հերոսությունից, իջներ այն աստիճանի խղճուկ քնքշակեցության, որ խոնարհվեր և նվաղեր անախորժ հոտի առջև։ Մենք չենք կարող դրան հավատալ, հակառակ հարգարժան դոկտորի ու նրա բարեկամների օրինակին։
==Կարևոր նամակագրություն==
Պարոն Մարկ Տվենի (Սան Ֆրանցիսկո) և նորին բարեկրոնություն աստվածաբանության դոկտոր, եպիսկոպոս Բերկուտի (Նյու Յորք), նորին բարեկրոնություն Ֆիլիպս Բրուքսի (Ֆիլադելֆիա) և նորին բարեկրոնություն դոկտոր Քանինգսի (Չիկագո) միջև՝ Գթության տաճարի վանահոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ։
Ես արդեն վաղուց խորին հետաքրքրությամբ հետևում էի վերոհիշյալ հարգարժան հոգևորականներին, ավելի ճիշտ՝ նրանցից որևէ մեկին, Գթության տաճար անունը կրող սանֆրանցիսկյան հիանալի եկեղեցում քարոզչի պաշտոնում նշանակելու փորձերին։ Իսկ երբ տեսա, որ եկեղեցական խորհրդի բոլոր ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս, պարտք համարեցի միջամտել և իմ սեփական ազդեցությամբ (ինչպիսին էլ որ այն կա) պաշտպանել նրանց ազնիվ գործը։ Ըստ որում չէի հաճոյանում եկեղեցական խորհրդի առջև ու որևէ անձնական նպատակ չէի հետապնդում, ինչի մասին բավականաչափ պարզ վկայում է այն փաստը, որ ես Գթության տաճարի ծխականների թվում չկամ, այդ մասին երբեք չեմ զրուցել եկեղեցական խորհրդի հետ և նույնիսկ չեմ էլ ակնարկել քահանաներին գրելու իմ ցանկության մասին։ Այն, ինչ արել եմ, արել եմ բարի կամքով, առանց որևէ մեկի խնդրանքի․ իմ գործողությունները թելադրված են բացառապես այլասիրական մղումներով և Գթասրտության տաճարի ծխականների նկատմամբ իմ համակրանքով։ Իմ ծառայությունների համար ես պարգևներ չեմ սպասում, ինձ հարկավոր է միայն մաքուր խիղճ, հանգիստ գիտակցություն, որ ես լավագույն ձևով եմ կատարել պարտքս։
:::::::::::::::::::::::::::Մ․ Տ․
Իմ և նորին բարեկրոնություն դոկտոր Բերկուտի միջև կատարվել է հետևյալ նամակափոխանակությունը։
Իմ նամակը նորին բարեկրոնություն Բերկուտին․
::::::::::«Սան Ֆրանցիսկո, մարտ 1865 թ․
Թանկագին դոկտոր․
Ինձ հայտնի է դարձել, որ Դուք Գթության տաճարի եկեղեցական խորհրդին հեռագրել եք Ձեր Սան Ֆրանցիսկո գալու և վանահոր պաշտոնից հրաժարվելու մասին, չհամաձայնելով Ձեզ առաջարկված պայմաններին՝ տարեկան 7000 դոլար․ այդ կապակցությամբ ես որոշեցի անձամբ դիմել Ձեզ նամակով։ Որպես գաղտնիք ասեմ Ձեզ (սա հրապարակման համար չէ, թող ոչ ոք չիմանա)․ հավաքեք ձեր իրերը և շտապեք այստեղ, ես ամեն բան կկարգավորեմ լավագույն ձևով։ Խորհրուրդը խորամանկ է, նա հասկացել է, որ 7000 դոլարը Ձեզ չի բավարարի, բայց մտածել է, որ Դուք ձեր գինը կնշանակեք և Ձեզ հետ հնարավոր կլինի սակարկել։ Հիմա արդեն ես ինքս կզբաղվեմ այդ գործով, գործի կդնեմ բոլոր քահանաներին, և արդյունքն այն կլինի, որ Դուք այստեղ կես տարում ավելի կվաստակեք, քան Նյու Յորքում ամբողջ տարվա ընթացքում։ Ես գիտեմ, թե դա ինչպես է արվում։ Ինձ հետ հաշվի է նստում տեղի հոգևորականությունը, հատկապես նորին բարեկրոնություն դոկտոր Վագսվորտը և նորին բարեկրոնություն պարոն Ստեբինսը․ ես նրանց փոխարեն քարոզներ եմ գրում (ասենք, այս բանը հասարակությանը հայտնի չէ և խնդրում եմ սա չտարածել), և ես կարող եմ ցանկացած պահին նրանց դրդել, որ նրանք բոլորը հավելում պահանջեն։
Դուք այս տեղից գոհ կլինեք։ Այն շատ ավելի հրապուրիչ է, քան ձեզ հայտնի մյուս բոլոր տեղերը։ Նախ, այստեղ գործունեության վիթխարի ասպարեզ կա, մեղսագործներ՝ ինչքան ուզեք։ Բավական է ցանցը գցեք, և Ձեր որսն ապահովված է․ ուղղակի զարմանալի է, ամենատաղտուկ, տափակ քարոզը Ձեզ մոտ կբերի ամենաքիչը վեց֊յոթ զղջացողների։ Հավատացեք, Ձեզ սպասվում է չափազանց աշխույժ գործունեություն Ձեր կողմից գործադրվելիք շատ համեստ ջանքերի դեպքում։ Բերեմ այսպիսի օրինակ․ մի անգամ ես թխեցի մի զառանցական, անիմաստ քարոզ (հազիվ թե Դուք երբևիցե այդպիսին լսած լինեք) եպիսկոպոսական եկեղեցու քահանայի համար, և նա միանգամից որսաց տասնյոթ մեղսագործների։ Հետո ես այդ քարոզը մի փոքր վերափոխեցի, որպեսզի մեթոդականների համար պիտանի լիներ, և նորին բարեկրոնություն Թոմասը որսաց ևս տասնմեկ մեղսագործների։ Առանց երկար֊բարակ մտածելու ես նորից հապճեպորեն որոշ բաներ փոփոխեցի և տեղնուտեղը Ստեբինսը իր ունիտարական հավատին բերեց մի քանի մարդու։ Ես չծուլացա, քարոզը մեկ անգամ էլ վերափոխեցի, և դոկտոր Վադսվորտը այն օգտագործեց նույնպիսի հաջողությամբ, ինչպես որ այդ ժանրի իմ լավագույն ստեղծագործությունները։ Եվ այդպես այդ քարոզը ճանապարհորդեց եկեղեցուց եկեղեցի, ամեն անգամ փոխելով զգեստը, որպեսզի համապատասխաներ հերթական կրոնական կլիմային, մինչև որ, վերջապես, շրջեց ամբողջ քաղաքը։ Քարոզի գործողության ժամանակամիջոցում մենք որսացինք ընդհանուր առմամբ հարյուր տասնութ ամենազզվելի մեղսագործների, որոնք ուղիղ ճանապարհով գլորվում էին դժոխք։
Աշխատանքն այստեղ հեշտ է, և դա դուք անմիջապես կտեսնեք․ ծխականներից մեկը հայտարարում է, թե որ օրհներգն է լինելու, մյուսը աղոթքն է կարդում, երրորդը՝ մի գլուխ ավետարանից, իսկ Ձեզ միայն մնում է քարոզել և պատարագ կարդալ, ավելի ճիշտ՝ ոչ թե կարդալ, այլ երգել։ Այստեղ ընդունված է պատարագը կաթոլիկական ձևով երգել․ ի դեպ, դա ավելի շատ լավ ու ավելի հաճելի է, քան երբ կարդում են։ Երգելը թող ձեզ չվախեցնի, կսովորեք մի հասարակ եղանակ, որի համար պահանջվում է ոչ ավելի լսողություն ու երաժշտական կրթություն, քան մեզ մոտ՝ Նյու Յորքում «Սոսնձով ծրարներ, երկու դյուժինը չո՜֊որս ցենտ» բղավելու համար։ Ինձ դուր է գալիս, երբ պատարագ են մատուցում։ Թեև մեղեդին մի քիչ միօրինակ է, բայց արդյունքը մեկ էլ տեսար հիանալի է։ Բոլորը հո գիտեն, որ սուրբ հայր Կիպը լսողություն չունի, բայց նրան ուղարկեցին Եվրոպա՝ երգեցողություն սովորելու։ Այսպիսով, կրկնում եմ, այստեղ համարյա թե ոչինչ չկա անելու, քարոզ և պատարգ՝ ահա ձեր ամբողջ պարտականությունը և, մեր մեջ ասած, դոկտոր, եթե Դուք կարողանաք օգտագործել հանրաճանաչ, ծանոթ երգերի եղանակները, ապա գրեթե հաստատապես այստեղ ցնցող տպավորություն կգործեք։ Թվում է, որ ես կարող եմ հանգիստ այդ բանը Ձեզ խոստանալ։ Չեմ տարակուսում, որ եթե Դուք կարողանաք հաճելի բազմազանություն մտցնել պատարագի եղանակի մեջ, դա ավելի շուտ կգրավի հավատացյալների ուշադրությունը, քան Ձեր ուրիշ շատ տաղանդները։
Քարոզ կարդալը այստեղ հեշտից էլ հեշտ է։ Հետներդ մի տակառ ձեր հին, գործածությունից դուրս եկած քարոզներից վերցրեք․ այստեղ ամեն բան կանցնի։
Գրեցեք ինձ մի քանի տող, Բերկուտ, թեև ես Ձեզ հետ ծանոթ չեմ և միայն լսել եմ, թե Ձեր մասին ինչ են ասում, այնուամենայնիվ, ես համակրում եմ Ձեզ։ Ռոճիկի մասին մի անհանգստացեք, ես ամեն բան կհաջողացնեմ։ Ասենք, մեր նամակագրության մասին եկեղեցական խորհուրդը թող չիմանա։ Բանն այն է, որ ես տաճարի ծխականների թվին չեմ պատկանում, և խորհրդի համար կարող է անհասկանալի թվալ, թե հանուն ինչի եմ այսպես ջանում, բայց հավատացնում եմ Ձեզ, որ հիմա բնավ զբաղված չեմ, և դա ինձ համար ոչ թե չարչարանք է, այլ բավականություն։ Ես միայն մի բան եմ ուզում՝ որ Դուք ստանաք այն, ինչը Ձեզ պատշաճ է։ Ես կհասնեմ դրան։ Ամեն բան փառավոր ձևով գլուխ կբերեմ, ընկած֊ելած մարդ եմ, բոլոր ծակուծուկերը գիտեմ, թեպետ տեսքիցս դատելով, այդ բանը գուցե և չես ասի։ Ու թեև ես չեմ պատկանում այսպես կոչված ընտրյալների թվին, շատ եմ հետաքրքրվում նման գործերով և մտադիր չեմ մի կողմ քաշվել ու անտարբեր դիտել, թե ինչպես են ճգնում Ձեզ հրապուրել 7000 դոլար խղճուկ գումարով։ Ես պատասխանեցի խորհրդին, իբր թե, Ձեր անունից, որ դուք համաձայն չեք 18 000 դոլարից պակաս գումարի, քանի որ ձեր քաղաքում կարող եք ստանալ 25 000 դոլար։ Ես նաև ակնարկել եմ խորհրդին, որ պայմանավորվել եմ գրել ձեր քարոզները․ ինձ թվում է, որ դա լավ տպավորություն կգործի․ ինչպես գիտեք, այստեղ ամեն մի մանրուք դեր է խաղում։ Այդպես ուրեմն, պատրաստվեք ճանապարհվելու․ ես չեմ կասկածում, որ ամեն բան լավ կլինի։ Կարող եք անգամ վերնաշապիկներ չբերել, իմ ունեցածը երկուսիս էլ կբավականացնի։ Ես ագահ մարդ չեմ, դրանում Դուք կհամոզվեք․ ես կհագնեմ ձեր կոստյումները, իսկ Դուք խնդրեմ վերցրեք իմը․ կապրենք ինչպես եղբայրներ։ Եթե ինձ մեկը դուր եկավ, ուրեմն՝ դուր եկավ․ ես պատրաստ եմ նրա համար անցնել հրի ու ջրի միջով։ Իմ բոլոր բարեկամները նույնպես կսիրեն Ձեզ և կընդունեն որպես հին ծանոթի։ Ես Ձեզ կներկայացնեմ նրանց բոլորին, նրանց հետ Ձեզ համար լավ կլինի։ Նրանք հուսալի մարդիկ են։ Բավական կլինի, որ Դուք որևէ մեկին մատնացույց անեք որպես անհամակրելի անձնավորության, և նրանք մի ակնթարթում նրան կմորթեն։
Շտապեցեք մեզ մոտ, Ձերդ բարեկրոնություն։ Ես ձեզ կդիմավորեմ և կբերեմ ուղիղ իմ տունը։ Ապրեք ինձ մոտ որքան Ձեր սիրտը կուզի, ես ձեզանից ոչ մի ցենտ չեմ վերցնի։
::::::::::::::::::::::Մարկ Տվեն»։
Բերկուտի պատասխանը․
::::::::::Նյու Յորք, ապրիլ 1865 թ․
Իմ սիրելի Մարկ։
Թեև ես առաջ Ձեր մասին չէի լսել, բայց Ձեր սիրալիր նամակն ստանալուց հետո ինձ թվաց, որ մենք միմյանց հետ ծանոթ ենք արդեն մի ամբողջ հավիտենություն։ Որքա՜ն լավ եք դուք հասկանում մեզ՝ տերունական անդաստանի մաճկալներիս, որքա՜ն եք համակրում գոյության համար մեր պայքարին։ Թող աստված օրհնի Ձեզ Ձեր երկրային գործերի համար։ Ձեզ պարգև է սպասում այն աշխարհում։ Շատ եմ ափսոսում, որ չեմ կարող գալ Ձեզ մոտ․ հիմա ես հասկացա, թե ազնիվ աշխատավորի համար ինչպիսի երջանկություն է Սան Ֆրանցիսկոյում աշխատելը։ Բայց ճակատագիրը այլ կերպ է վճռել, և ես ենթարկվում եմ պատշաճ հնազանդությամբ։ Ես մտադրություն չունեի վերջնականապես հրաժարվելու Ձեր տեղից, այլ ուզում էի միայն, մեղսագործների լեզվով արտահայտված, մի փոքր բարձրացնել իմ գինը։ Այդպիսի մտադրությունն օրինական է և արդարացի, որովհետև բանը միայն ինձ չի վերաբերում, այլև նաև նրանց, ում կյանքն ու բարեկեցությունը ինձանից է կախված։ Գուցե դուք հիշեք, թե ես մի անգամ ինչպես պատասխանեցի եկեղեցական խորհրդին, որին խնդիրք էի ներկայացրել իմ ռոճիկը ավելացնելու մասին՝ նկատի ունենալով ընտանիքիս բազմանդամությունը, իսկ խորհուրդը մերժեց, վկայակոչելով ավետարանը՝ իբր նախախնամությունը կհոգա երկնային թռչնակների, մատղաշ ճտերի մասին։ Իսկ ես ուրախ անկաշկանդությամբ պատասխանեցի, թե երիտասարդ բերկուտիկների մասին այդպիսի բան ոչ մի տեղ չի ասված։ Ես այն ժամանակ շատ ուրախ էի իմ հնարամտության համար և բազմիցս հիշել եմ այդ, երբ հոգիս տխուր է եղել և ամբողջ աշխարհը մռայլ ու անուրախ է թվացել, նույնիսկ հիմա էլ հաճույքով եմ հիշում դա։
Կրկնում եմ, ես ամենևին չեի ուզում, որ որոշումս ընկալվե որպես վերջնական, բայց հանգամանքներն իմ փոխարեն լուծեցին հարցը։ Ես հրաժարվեցի Բալթիմորի իմ ծխից, որտեղ ինձ շատ լավ էին վարձատրում, և մեկնեցի Նյու Յորք, տեսնելու, թե այնտեղ ինչ վիճակում են եկեղեցական գործերը։ Եվ պատկերացրեք, հաջողություն ունեցա իմ բոլոր սպասելիքներից ավելի։ Ես ընտրեցի իմ հին քարոզներից լավագույնները, որ վաղուց բոլորի կողմից մոռացված էին, և շաբաթական մեկ անգամ դրանցից որևէ մեկը կարդում էի տեղի Ավետման եկեղեցում։ Այդ պահին քարոզների ոգին վերակենդանացավ ու խոսեց, թափանցելով հավատացյալների սրտերը որպես հին թունդ գինի, որը նոր ուժ է ներարկում հոգնած մարմնի մեջ։ Հաջողությունն արտակարգ էր։ Իսկ երբ դրան գումարվեց Սան Ֆրանցիսկոյից ստացված հրավերը, որն ավելի քան ժամանակին էր, իմ վարկը բոլորովին բարձրացավ։ Բոլորը միանգամից գնահատեցին իմ արժանիքները։ Մի եկեղեցական համայնքի ներկայացուցիչներ ինձ առաջարկեցին տարեկան 10 000 դոլար, ինչպես նաև որոշեցին ինձ համար գնել քաղաքի վերին մասում գտնվող ս․ Գևորգ մեծ նահատակի եկեղեցին կամ կառուցել նոր տաճար, ինչպես ինքս կամենամ։ Թանկագին Մարկ, այս եղանակով ես պայմանավորվել եմ նրանց հետ, որովհետև գիտեմ, որ փոքր թռչուններից ոչ մեկը չի ընկնի երկրի վրա առանց մեր Հոր կամքի․ ասենք, ինչ էլ որ պատահի, ես չեմ կորչի, քանի դեռ բամբակի գինը պահպանվում է ներկայիս բարձր մակարդակի վրա։ Հասկանում եք, ես մասամբ կապված եմ բամբակի հետ, և դա մեկն է այն պատճառներից, թե ինչու սիրտ չեմ անում մեկնել Նյու Յորքից։ Ես բամբակի մեջ որոշ կապիտալ եմ ներդրել, գործը առայժմ նոր է, և տիրոջ աչքն անհրաժեշտ է։
Սակայն ժամանակը թռչում է, Մարկ, ինչ կարող ես անել, ես արդեն պետք է ավարտեմ իմ ուղերձը։ «Մնա՜ս բարով, մնա՜ս բարով»։ Բայց ես այդպիսի բարեկամին երբեք չեմ մոռանա։
Ձեր անկեղծ հետաքրքրությունն իմ գործերի նկատմամբ, Ձեր հիանալի հնարամտությունը, որը ձեզ թելադրեց գրել եկեղեցական խորհրդին, որպեսզի ստիպեք նրան քսակը բանալ, Ձեր հանճարեղ ճարտարամտությունը, որով դուք Ձեր նամակները ներկայացրել եք որպես իմը և, ձգտելով իմ նկատմամբ լավ տրամադրել եկեղեցական խորհուրդը, հայտարարել եք, թե մտադիր եք իմ փոխարեն քարոզներ գրել, Ձեր արքայական առատաձեռնությունը, որով դուք ինձ առաջարկեցիք հագնել Ձեր վերնաշապիկները և ընդհանուր դարձնել մյուս զգեստները, որոնք պատկանում են մեզանից յուրաքանչյուրին, Ձեր սրտագին խոստումը, որ Ձեր բարեկամները ինձ կսիրեն և ինձ ցույց կտան այդչափ բացառիկ ծառայություններ, Ձեր սքանչելի առանձնատունը բաժանելու սիրալիր հրավերը՝ այս ամենը իմ մեջ առաջացնում է ոչ անտեղի, ամենանուրբ զգացումներ, և առաջացնում է ոչ անտեղի, ամենաթանկագին Մարկ։ Ես հավիտյան կաղոթեմ Ձեզ համար և Ձեր հիշատակը կպահեմ իմ երախտապարտ ու զգացված սրտում։
Կրկին ընդունեք, տաղանդավոր բարեկամս, երախտագիտության ջերմ խոսքեր և լավագույն ցանկություններ Ձեր խոնարհ ծառայից՝
:::::նորին բարեկրթություն դոկտոր Բերկուտից.
Վարպետորեն է գրում, չէ՞։
Բայց երբ եպիսկոպոսը անթույլատրելի արտահայտություններ է գործածում և անպարկեշտորեն խոստովանում է, թե ինչ֊որ քայլեր է ձեռնարկում «իր գինը բարձրացնելու» նպատակով, արդյոք, նա զարմանալի ճարպկությամբ պատասխանատվությունն իր ուսերից չի՞ դնում խոնարհ մեղսագործի ուսերին։
Եվ տեսեք, որ օր ծերության նրա խելքը տարել է այդ տխմար սրամտությունը թռչնակների մասին։ Եթե նա ամբողջ ժամանակ մտաբերի այն և այդ պատճառով էլ իրեն երևակայի որպես հազվագյուտ խելացի մարդ, մեկ էլ տեսար իր համար պահանջեց ռոճիկ, որ կսնանկացնի ամեն մի եկեղեցու։ Բայց, եթե դա նրան այդքան դուր է գալիս և նա իր կատակը իրոք սքանչելի է համարում, չեմ փորձի ցրել նրա պատրանքները, չեմ զրկի նրան ուրախությունից։ Ի միջի այլոց, դա ինձ հիշեցրեց «Հարպես» հանդեսի խմբագրի՝ մի երեք տարի առաջ տպագրված հոդվածը, որում նա ընթերցողներին խնդրում էր ներողամիտ լինել իրենց տաղանդներ երևակայող՝ խղճուկ գրչակների անմեղ սնապարծության նկատմամբ։ Սեփական երկերը նրանց թվում են աննման, ասում է խմբագիրը, և ավելացնում․ «Իսկ մի՞թե խեղճ Մարտին Ֆարկուար Տապերը տարված չէ իր գռեհկություններով, երևակայելով, թե դա պոեզիա է»։ Հենց այդ է, որ կա։ Թող եպիսկոպոսն էլ տարվի իր հորինած կատակով և երևակայի, թե դա երգիծանքի աղն է։
Բայց հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչ խորհրդավոր եկեղեցի է ս․ Գևորգ մեծ նահատակի եկեղեցին։ Ասենք, եպիսկոպոսը մտադիր չէ լիովին վստահելու անգամ ս․ Գևորգ մեծ նահատակին և վտանգի ենթարկելու իր ձագուկների բարեկեցությունը, նա խելամտորեն կողմնորոշվում է դեպի բամբակը։ Թերևս, նա իրավացի է։ Հույսդ աստծու վրա դիր, բայց ինքդ մի սխալվիր։
Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք նրա նամակի եզրափակիչ մասի վերաբերյալ։ Ձեզ չի՞ թվում, որ նա չափն անցել է, ինչպես նման դեպքերում ասում են մեղսագործները։ Մի՞թե դուք հավատացիք, որ այդ ճռճռան խոսքերի հետևում անկեղծություն է թաքնված։ Հավատացիք, այո՞։ Իսկ ես չգիտեմ, այնքա՜ն ուժեղ են ածականները, չափազանց ուժեղ․ դրանցում ես երբեմն նշմարում եմ ծաղրի ինչ֊որ թեթև երանգ։ Բայց ոչ, հազիվ թե։ Հավանաբար, նա իրոք սիրեց ինձ։ Իսկ եթե ես համոզվեմ, որ սուրբ հայր երգիծաբանը սրամտության վարժություններ է կատարում ինձ հետ, ես կյանքումս էլ երբեք նրան չեմ գրի։ Նա ասում է, թե ինձ «այն աշխարհում պարգև է սպասում», ոչ, սա արդեն բնավ ինձ համար չէ։
Բայց նա խոստանում է աղոթել ինձ համար։ Դե, ինչ, իմ անձի համար չկա ավելի օգտակար մի բան, և նա, թերևս, չգտնի ավելի շնորհակալ մեղսագործ, քան ես եմ։ Ըստ երևույթին, ես կընկնեմ «այլ մեղսագործներ» խորագրի տակ․ իհարկե, ես ավելի լավ չեմ ցանկացած ուրիշ մեղսագործից և իրավունք չունեմ հավակնելու հատուկ ուշադրության։ Նախ նրանք աղոթում են իրենց միաբանության համար, և գիտեք, չափազանց եռանդագին, հետո՝ ավելի չափավորված կրքով, ուրիշ կրոնների համար, հետո՝ ավելի չափավորված կրքով, ուրիշ կրոնների համար, հետո՝ իրենց միաբանության մերձավոր ազգականների, հետո՝ հեռու ազգականների, հետո՝ համայնքի, հետո՝ իրենց նահանգի, հետո՝ պետական գործիչների, հետո՝ Միացյալ Նահանգների, հետո՝ Հյուսիսային Ամերիկայի, հետո՝ ամբողջ ամերիկյան մայրցամաքի, հետո՝ Անգլիայի, Իռլանդիայի և Շոտլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի, Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի, հետո՝ Նորվեգիայի, Շվեդիայի և Տիմբուկտուի բնակիչների, Սատուռնի, Յուպիտերի և Նյու Ջերսիի բնակիչների համար, վերջում աղոթքի մեջ հիշատակում են նեգրերին, հնդիկներին, թուրքերին և չինացիներին, իսկ երբ գթասրտության շատրվանը վերջնականապես սպառվում և չորանում է մոխրի դույլի նման, նրանք մնացած փոշին դույլի հատակից թափ են տալիս մեզ՝ թշվառներիս, «այլ մեղսագործներիս» վրա։
Այնքան էլ արդարացի չէ, ճի՞շտ է։ Համարվելով ընդհանուր առմամբ, երիցական, ես երիցական գլխավոր եկեղեցիներից մեկի ծխականների թվին եմ պատկանում, և այդ պատճառով էլ երբեմն ստիպված եմ լինում բարեպաշտի տեսքով կանգնել, աչքերս ցած հառած և ձեռքերս դրած առջևի նստարանի թիկնակին, որոշ ժամանակ կենտրոնացած լսում եմ, այնուհետև սկսում եմ ոտնփոխ անել, ձեռքերս դնում եմ մեջքիս, ուղղում եմ իրանս և հանդիսավոր տեսք եմ ընդունում, այնուհետև ձեռքերս խաչում եմ կրծքիս, ճկում եմ վիզս և սկսում հայացքով նայել առաջ, հետո գաղտնաբար նայում եմ քահանային, հայացքս ուղղում եմ հասարակությանը, ցրված տեսք եմ ընդունում, և հանկարծ ինձ որսում եմ այն բանի վրա, որ հաշվում եմ, թե եկեղեցում քանի ժանյակավոր կապագլխարկ կա և քանի ճաղատ գլուխ, հետո սկսում եմ հետաքրքրվել, թե ներկա գտնվողների որ մասն է դանթում և որ մասը՝ զգաստ ունկնդրում քարոզը, հետո ծուլորեն ընկնում եմ ենթադրությունների մեջ, թե ապակու վրայով վեր սողացող և շարունակ ցած սահող դզզան ճանճը երբևիցե կհասնի՞ իր նպատակին, ի վերջո, այդ էլ է ձանձրացնում, և ես սուզվում եմ թախծոտ նինջի մեջ, բայց հենց այդ ժամանակ քահանան հասնում է իմ գերատեսչությանը և ինձ կրկին սթափեցնում է ու դժբախտ «այլ մեղսագործների» հասցեին ասված բարի խոսքով իմ մեջ վերածնում հույսը։
Իսկ երբեմն էլ մենք լիովին մոռացված ենք լինում և ձեռնունայն հեռանում ենք․ այդպիսի դեպքերում հիշում եմ հասարակ ընտանիքի մի փոքրիկ տղայի, որը սաստիկ սիրում էր տաք բլիթներ։ Մի անգամ նրանց մոտ հյուր կար, և մայրը տղային ասաց, որ նա կստանա ընթրիքից հետո մնացած բոլոր բլիթները, եթե չմոտենա սեղանին և իրեն պահի հանգիստ ու օրինակելի։ Տղան հետևում էր հյուրին, որն ախորժակով կուլ էր տալիս բլիթները, մինչև որ կանխազգացումը նրա հոգում վերաճեց աղետի զգացողության, և նա գոչեց․ «Ահա, ես այդպես էլ գիտեի։ Ես հենց սկզբից էլ գիտեի, որ այդպես է լինելու։ Տեղիցս վեր չկենամ, եթե նա հենց հիմա չի խժռում վերջին բլիթը»։
Բայց ես չեմ գանգատվում․ ախր շատ հազվադեպ են հնդիկները, թուրքերը և չինացիները որպես պարգև ստանում բոլոր բլիթները և մեզ՝ «այլ մեղսագործներիս» սոված են թողնում։ Ճիշտ է, նրանք հաճախ երկար են նստում սեղանի շուրջը, և մենք բավականին հոգնում ենք մեր հերթին սպասելով։ Իսկ ի՞նչ կլինի, եթե պակասեցվի պերճախոսությունը։ Ի՞նչ կլինի, եթե առանձին օրհնություն հայցվի միայն իր միաբանության և իր համայնքների համար, իսկ հետո ջերմորեն աղոթել մնացած բոլորի համար, ամբողջ տիեզերքի համար միանգամից։ Լավ չէր լինի՞ իբրև օրինակ ընդունել «Հայր մեր» աղոթքի հասարակությունը, հակիրճությունը, գեղեցկությունն ու պարզությունը։ Բայց ես կարծես թե թափանցում եմ իմ իրավասությանը չվերաբերող ոլորտներ։
Ֆիլադելֆիա՝ նորին բարեկրոնություն Ֆիլիպս Բրուքսին և Չիկագո՝ նորին բարեկրոնություն Քամինգսին գրածս նամակները այստեղ գալու և Գթության տաճարի վանահոր պաշտոնը ստանձնելու հրավերով ու ամենայն օգնություն ցույց տալու խոստումով հանդերձ կհրապարակվեն եկող շաբաթ, նշված անձանց պատասխանների հետ միասին։
::::::::::::::::::::::::Մարկ Տվեն
:::::::::::::: * * *
Անցյալ շաբաթ խոստացել էի «Կալիֆոնիենի» այս համարում հրապարակել իմ նամակագրությունը նորին բարեկրոնություն Բրոիքսի հետ, որն ապրում է Ֆիլադելֆիայում, և նորին բարեկրոնություն դոկտոր Քամինգսի հետ, որն ապրում է Չիկագոյում, բայց հիմա հարկադրված եմ խնդրել ընթերցողներին, որ ինձ ազատեն այդ խոստումից։ Ես հենց նոր հարգարժան հոգևորականներից հեռագրեր ստացա, որոնցով նրանք պնդում են, թե ես աննրբանկատորեն կվարվեմ, եթե տպագրեմ իրենց նամակները։ Այդ պնդումները հաստատված են այնպիսի ծանրակշիռ, համոզիչ ու անվիճելի փաստարկներով, որ թեև առաջ դա ինձ չէր թվում աննրբանկատություն, այժմ ես խոստովանում եմ, որ իսկապես աննրբանկատություն կլիներ նրանց նամակները տպագրելը։ Դա մի առանձին օգուտ չէր բերի, իսկ վնասը շատ մեծ կլիներ, քանի որ այդ բանը հասարակության մեջ կառաջացներ հիվանդագին հետաքրքրություն հոգևորականության մասնավոր գործերի նկատմամբ։ Զետեղում եմ երկու հեռագիրն էլ բառացի։
:::Ֆիլադելֆիա, ուրբաթ, 12 մայիսի։
Պարոն Միկ Տվայն,<ref>Ներողություն եմ խնդրում չարաբստիկ հեռագրատան համար, այն միշտ աղավաղում է անուններն ու ազգանունները։ ― Ծան․ հեղինակի։</ref> ասում են, որ դուք հրապարակել եք եպիսկոպոս Բերկուտի նամակը։ Դուք կկործանեք հոգևորականությանը։ Իմը չհամարձակվեք տպագրել, ուշքի եկեք, թողեք ձեր մտադրությունը, հիմարություն մի՛ արեք, առաջարկում եմ հինգ հարյուր դոլար։
::::::::::::::::::Ֆիլիպս Բrուքս։
Թեև ես հասկանում եմ, որ իմ պարտքն է գաղտնի պահել Բրուքսի նամակը, այնուամենայնիվ, պետք է հայտարարեմ ի գիտություն հասարակության, որ Բրուքսը Ֆիլադելֆիայի եկեղեցում ավելի շատ փող է ստնում, այդ պատճառով էլ հնարավոր չի համարում այստեղ գալ։ Բացի այդ, նա նավթի սպեկուլայցիայով է զբաղված։
::::::::::::Մ․ Տ․
Նորին բարեկրոնություն դոկտոր Քամինգից ստացված հեռագիրը․
:::Չիկագո, հինգշաբթի, 11 մայիսի
Պարոն Մկ Սվայն։ Մի՞թե այնքան հիմար եք, որ տպագրել եք եպիսկոպոս Բերկուտի նամակը։ Ա՜յ քեզ սատանայություն։ Իմը չտպագրեք, հիմարություն մի՛ արեք, Մայկ։ Պատրաստ եմ վճարել հինգ կամ վեց հարյուր դոլար։
::::::::Քամինգս
Ես հասկացա, որ աննրբանկատություն է դոկտոր Քամինքսի նամակի հրապարակումը, բայց, այնուամենայնիվ, ավելորդ չէ նշել, որ նա նույնպես այնտեղ ավելի շատ է վաստակում, այդ պատճառով էլ չի ցանկանում գալ Կալիֆոռնիա։ Բայց այդ, նա Չիկագոյում հացահատիկի սպեկուլյացիայով է զբաղված։
Վախենամ, որ ես շտապեցի եպիսկոպոս Բերկուտի նամակի տպագրության հարցում։ Անչափ ափսոսում եմ դրա համար։ Այժմ արդեն չեմ սպասում, թե նա ինձ կառաջարկի իր ծանրակշիռ փաստարկը։
==Արտասահմանյան նամակագրություն==
Բոլորին անկոչ ծառայություններ պարտադրելու իմ անիծված սովորության դժբախտ զոհն եմ ես։ Ոչ ոչ ինձ չէր խնդրել Գթության տաճարի եկեղեցական խորհրդին օգնել վանահայր գտնելու գործում։ Տխմար խանդավառության պոռթքումով ես ինքս խառնվեցի այդ պատմությանը և ինքս էլ փորձանք բերեցի իմ գլխին։ Այն քահանաներին, որոնց ուզում էի հավաքագրել, միևնույն է՝ չհավաքագրեցի, բայց փոխարենը կարկուտի նման ինձ վրա տեղացին գավառական էժանագին քարոզիչները, և ինքս էլ վախեցա իմ արածից։ Վախենամ, թե արթնացրի մի ոգի, որին այլևս ինձ չի հաջողվի հանգստացնել։ Բավական է որպես օրինակ մեջ բերել այն 48 նամակներից մեկը, որ ստացել եմ հեռավոր վայրերից, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպիսի հետաքրքրություն է առաջացրել իմ հրապարակած նամակագրությունը։
:::Նորին բարեկրոնություն պարոն Բրաունից․
:::::::::::::::«Մորեխի ամրոց, 1865 թ․
Եղբայր Տվեն։ Զգում եմ, որ վերջապես ինձ առիթ է ներկայացել թեկուզ մասամբ հատուցելու այն անթիվ բարիքների համար, որոնք թափվում էին, ոսկե անձրևի նման թափվում էին իմ անարժան գլխին։ Եթե դուք ինձ օգնեք տեղ ստանալու Գթության տաճարում, ես իմ համաձայնությունը կտամ անմիջապես, և ինձ կբավարարի ամեն մի վարձատրություն․ թեպետ այս դեպքում կզոհաբերեմ շատ երկրային բարիքներ և հրեշավոր վիշտ կպատճառեմ ինձ սիրող հոտին, բայց իմ հոգին լսում է կոչը, և ես՝ տիրոջ համեստ ծառաս չէ, որ պետք է հրաժարվեմ հնազանդությունից։ (Այն թանաքաբիծը, որ Դուք այստեղ տեսնում եք, իմ արցունքից է։) Ողբում եմ այն մտքից, որ հարկ կլինի թողնել իմ սիրեցյալ հոտը, ներեցեք, բարեկամս, դյուրազգացության համար, բայց ես, որպես հովիվ, նրա մասին հոգացել եմ շատ տարիներ, աճեցրել եմ նրան, կերակրել հոգևոր սնունդով և խուզել, ա՜հ, չէ որ նաև խուզել եմ նրան։ Չեմ կարող շարունակել, արցունքներս խեղդում են ինձ։ Բայց ես Գթության տաճարից կվերցնեմ ավելի քիչ, քան ամերիկացի ցանկացած քահանա, միայն թե Դուք ինձ համար հաջողացնեիք այդ տեղը։ Ուղարկում եմ Ձեզ իմ քարոզները իբրև նմուշ․ մի քանիսը հատկապես գրված են, մի քանիսը վերցված գրքերից, բայց խմբագրված․․․
:::Ձեր ամենախոնարհ ծառա Տ․ Սենտ Մեթյու Բրաուն»։
Նրանք բոլորը տեղ են խնդրում Գթության տաճարում։ Նրանք բոլորը ուրախ կլինին տարեկան 7000 դոլար ռոճիկի համար։ Բոլորը պատրաստ են զոհաբերել երկրային բարիքները, խզել իրենց սրտի ամենահարազատ կապերը և թողնել հարազատ վայրերը, որպեսզի սուրբ հավատի համար մարտնչեն մեր հիանալի տաճարում։ Նրանք բոլորը համոզված են, որ կարող են ավելի օգուտ բերել և ավելի լավ ծառայել իրենց տիրոջը, եթե նրանց թույլ տան ընդլայնելու գործունեության ասպարեզը։ Նրանք բոլորը համոզված են, որ իրենց հոգիները այլևս չեն կարող մնալ փակված։ Եվ նրանք ձգտում են գալ այստեղ, որպեսզի տարածեն իրենց թևերը։ Բայց ամենասարսափելին այն է, որ իրենց հիմարություններով նրանք թունավորում են իմ կյանքը, իրենց քարոզներն ուղարկում են ինձ, գալիս են այստեղ և ներկայանում ուղիղ իմ տունը, իրենց ուղեբեռը թափում են իմ նախասենյակում և ուժով զբաղեցնում են իմ ննջարանը, և կռվով տեղ են գրավում իմ սեղանի շուրջը, փոխանակ նեղություն պատճառելու Գթության տաճարի եկեղեցական խորհրդին, որն էլ ըստ հաստիքի պետք է զոհը լինի։ Հանուն ինչի են նրանք բոլորն ինձ մոտ վազում։ Ես այստեղ ի՞նչ կապ ունեմ։ Ախր ես այդ եկեղեցին նույնիսկ չեմ էլ հաճախում, և բողոքական քահանաներին աշխատանքի հրավիրելն ինձ վերաբերում է նույնքան, որքան ալժիրյան բեգին։ Գոնե նրանք չշարունակեն ինձ տանջել։ Ես այս պատմության մեջ խրվեցի իմ անզգուշության պատճառով, առանց մտածելու, և, եթե ինձ հաջողվի բարեհաջող դուրս գալ այս վիճակից, ես այլևս երբեք չեմ խառնվի այդպիսի գործերի, ազնիվ խոսք՝ չեմ խառնվի։
Ես մի քանի ծառա եմ պահում, բայց նրանք բոլորն էլ ծայրաստիճան տանջված են։ Իմ տնտեսուհին խռովության սահմանին է գտնվում։ Երեկ նա ինձ ասաց․ «Շուտով ես, ըստ երևույթին, կվռնդեմ քահանաներից որևէ մեկին։ Եվ դա այդպես էլ կլինի։ Իսկ ես խղճում եմ։ Մի՞թե կարելի է չխղճալ քահանային, երբ տեսնում ես, որ նրան «վռնդել» են տնից։ Բայց ես ի՞նչ անեմ։ Ես այստեղ անօգնական եմ։ Սկսեմ պաշտպանել ինձ կվռնդեն։
Ինձ մոտ հյուրընկալվող քահանաները առողջ մարդիկ են։ Նրանց ախորժակը հիանալի է։ Նրանք իրենց համար ոչ մի հատուկ սնունդ չեն պահանջում։ Տապակած ճտերը նրանց լիովին բավարարում են։ Բայց ինձ անհանգստացնում է նրանց ներկայությունը․ Միսսիսիպիում այն կարծիքին են, որ նավին դժբախտություն է սպառնում, եթե նրա վրա միաժամանակ գտնվում են հոգևոր կոչում ունեցող երկու ուղևորից ավելի։ Որ այդպես է, իմ տանը հյուրընկալվող տասներկու այդպիսիները, անշուշտ, կարող են երկրաշարժ առաջացնել։ Հավատալիքի համաձայն երեք քահանան կարող են նավը ծանծաղուտի մեջ խրել, չորսը՝ այն ջրասույզ անել, իսկ հինգը, գումարած մոխրագույն զամբիկը, կարող են պայթեցնել նավը։ Եթե իմ ախոռում մոխրագույն զամբիկ լիներ, ես կփախչեի քաղաքից, չսպասելով գիշերվան։
::::::::::::::::::::Մարկ Տվեն։