«Եվ ծագում է արևը (Ֆիեստա)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ տասնմեկերորդ)
(Գլուխ տասներկուերորդ)
Տող 3431. Տող 3431.
  
 
Բուրգետեում մնացինք հինգ օր և մի լավ զբաղվեցինք ձուկ բռնելով։ Գիշերները ցուրտ էին, ցերեկները՝ շոգ, բայց միշտ մի թեթև զով էր փչում նույնիսկ օրվա ամենաշոգ ժամերին։ Այդ շոգին շատ հաճելի էր մտնել գետակի սառը ջրի մեջ, իսկ հետո նստել ափին ու չորանալ արևի տակ։ Մենք մի գետակ գտանք, որի գետախորշն այնքան խորն էր, որ այնտեղ կարելի էր լող տալ։ Երեկոները բրիջ էինք խաղում երեքով՝ Հարրիս ազգանունով մի անգլիացու հետ, որը նույնպես ձկնորսության սիրահար էր և Սեն֊Ժան֊Պյո֊դե֊Պորից ոտքով եկել էր այստեղ ու ապրում էր մեր հյուրանոցում։ Նա շատ հաճելի մարդ էր և երկու անգամ եկել էր մեզ հետ Իրատի գետ։ Ո՛չ Ռոբերտ Կոնից, ո՛չ Բրեթից, ո՛չ էլ Մայքլից լուր չկար։
 
Բուրգետեում մնացինք հինգ օր և մի լավ զբաղվեցինք ձուկ բռնելով։ Գիշերները ցուրտ էին, ցերեկները՝ շոգ, բայց միշտ մի թեթև զով էր փչում նույնիսկ օրվա ամենաշոգ ժամերին։ Այդ շոգին շատ հաճելի էր մտնել գետակի սառը ջրի մեջ, իսկ հետո նստել ափին ու չորանալ արևի տակ։ Մենք մի գետակ գտանք, որի գետախորշն այնքան խորն էր, որ այնտեղ կարելի էր լող տալ։ Երեկոները բրիջ էինք խաղում երեքով՝ Հարրիս ազգանունով մի անգլիացու հետ, որը նույնպես ձկնորսության սիրահար էր և Սեն֊Ժան֊Պյո֊դե֊Պորից ոտքով եկել էր այստեղ ու ապրում էր մեր հյուրանոցում։ Նա շատ հաճելի մարդ էր և երկու անգամ եկել էր մեզ հետ Իրատի գետ։ Ո՛չ Ռոբերտ Կոնից, ո՛չ Բրեթից, ո՛չ էլ Մայքլից լուր չկար։
 +
 +
 +
==Գլուխ տասներեքերորդ==
 +
 +
Երբ այդ օրն առավոտյան իջա ցած նախաճաշի, տեսա մեր անգլիացին՝ Հարրիսը, նստած է արդեն սեղանի մոտ ու ակնոցն աչքերին թերթ էր կարդում։ Նա նայեց, ինձ ու ժպտաց։
 +
 +
― Բարի լույս, ― ասաց։ ― Նամակ ունեք։ Ես փոստ էի գնացել և իմ նամակների հետ ձերն էլ ինձ տվեցին։
 +
 +
Նամակը դրված էր իմ սպասքի մոտ, սուրճի գավաթին հենած։ Հարրիսը շարունակեց իր թերթը կարդալ։ Բացեցի նամակը։ Նամակը ուղարկել էին մեզ Փամփլոնայից, վրան գրված էր՝ Սան֊Սեբաստիան, կիրակի․
 +
 +
«Սիրելի Ջեյք։
 +
 +
Մենք այստեղ հասանք ուրբաթ օրը։ Բրեթը գնացքում շատ էր հոգնել, և ես երեք օրով նրան բերեցի մեր հին ծանոթների մոտ, որ հանգստանա։ Գնում ենք Փամփլոնա, Մոնտրոյի հյուրանոց։ Կգանք երեքշաբթի, սակայն որ ժամին չգիտեմ։ Եթե դժվար չէ, մի երկտող ուղարկեք ավտոբուսով, որպեսզի իմանանք, թե ձեզ որտեղ գտնենք չորեքշաբթի։ Ընդունեք ջերմագին բարևներս և ներեցեք, որ ուշացանք, սակայն Բրեթը իսկապես շատ հոգնած էր, բայց մինչև երեքշաբթի կառողջանա, այսինքն նա հիմա էլ գրեթե առողջ է։ Ես նրան շատ լավ գիտեմ և փորձում եմ խնամել նրան, սակայն դա այնքան էլ հեշտ բան չէ։ Բարևներ բոլորին։
 +
 +
::::::::Մայքլ։»
 +
 +
― Այսօր ի՞նչ օր է, ― հարցրի Հարրիսին։
 +
 +
― Կարծեմ չորեքշաբթի։ Այո, չորեքշաբթի։ Զարմանալի բան է, թե ինչպես այս սարերում կորցնում ես օրերի հաշիվը։
 +
 +
― Այո, արդեն մի շաբաթ է այստեղ ենք։
 +
 +
― Հուսով եմ, դեռ մտադիր չե՞ք մեկնելու։
 +
 +
― Ցավոք, մտադիր ենք։ Թերևս ստիպված լինենք մեկնելու հենց այսօր, ցերեկվա գնացքով։
 +
 +
― Ափսոս։ Հույս ունեի, որ դեռ մի անգամ էլ կգնանք Իրատի։
 +
 +
― Մենք պետք է մեկնենք Փամփլոնա։ Մեր ընկերների հետ պայմանավորվել ենք հանդիպել այնտեղ։
 +
 +
― Իմ բախտը չբերեց։ Այնքա՜ն լավ ժամանակ էինք անցկացնում միասին Բուրգետեում։
 +
 +
― Եկեք մեզ հետ Փամփլոնա։ Բրիջ կխաղանք, հետո այնտեղ հիանալի ֆիեստա է լինելու։
 +
 +
― Հաճույքով կգայի։ Զգացված եմ ձեր հրավերի համար։ Բայց ես ավելի լավ է այստեղ մնամ։ Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել ձուկ բռնելու համար։
 +
 +
― Ուզում եք Իրատիի ամենախոշոր իշխաննե՞րը բռնել։
 +
 +
― Այո։ Դուք հո գիտեք, այստեղ երբեմն շատ խոշոր իշխաններ են պատահում։
 +
 +
― Ինքս էլ ևս մի անգամ կգայի ձուկ բռնելու։
 +
 +
― Դե մնացեք, մի օր էլ մնացեք, խնդրում եմ ձեզ։
 +
 +
― Մենք իսկապես պետք է անպայման քաղաք գնանք, ― ասացի։
 +
 +
― Ափսոս։
 +
 +
Նախաճաշից հետո ես ու Բիլլը հյուրանոցի առջև նստարանին նստած տաքանում էինք արևի տակ ու որոշում մեր անելիքը։ Քաղաքի կենտրոնից դեպի հյուրանոց բերող ճանապարհին տեսա մի աղջիկ, որ գալիս էր դեպի մեզ։ Նա մոտեցավ, կողքին կախված պայուսակից հանեց մի հեռագիր։
 +
 +
― Por ustedes?<ref>Ձեզ համա՞ր է։ (իսպ․)։</ref>
 +
 +
Նայեցի հեռագրին։ Հասցեն էր․․․ «Բարնս, Բուրգետե»։
 +
 +
― Այո, մերն է։
 +
 +
Նա հանեց գիրքը, ստորագրեցի ու տվեցի նրան մի քանի մետաղադրամ։ Հեռագիրը իսպաներեն էր․․․ «Vengo jueves Cohn»։
 +
 +
Հեռագիրը մեկնեցի Բիլլին։
 +
 +
― Ի՞նչ է նշանակում «Cohn», ― հարցրեց նա։
 +
 +
― Հիմար հեռագիր է, ― ասացի։ ― Նա կարող էր նույն գնով տասը բառ ուղարկել «Կգամ հինգշաբթի»։ Այնքան էլ հասկանալի չէ։
 +
 +
― Ինչ որ պետք է Կոնին, այստեղ ասված է։
 +
 +
― Միևնույն է, մենք մեկնում ենք, ― ասացի ես։ ― Ոչ մի իմաստ չկա մինչև ֆիեստան Բրեթին և Մայքլին գալ այստեղ և ետ դառնալ։ Ինչ ես կարծում, պատասխանե՞նք նրան։
 +
 +
― Ինչո՞ւ չպատասխանենք, ― ասաց Բիլլը։ ― Պետք է պահպանել քաղաքավարություն։
 +
 +
Գնացինք փոստ և հեռագրի բլանկ վերցրինք։
 +
 +
― Ի՞նչ ենք գրելու, ― հարցրեց Բիլլը։
 +
 +
― «Կգանք երեկոյան»։ Ուրիշ ոչինչ։
 +
 +
Վճարեցինք հեռագրի համար և վերադարձանք հյուրանոց։ Հարրիսը մեզ էր սպասում, և երեքով գնացինք Ռոնսեվալ։ Նայեցինք վանքը։
 +
 +
― Սա հրաշալի է, ― ասաց Հարրիսը, երբ դուրս եկանք վանքից։ ― Բայց գիտե՞ք ինչ, ես այնքան էլ չեմ հետաքրքրվում նման բաներով։
 +
 +
― Ես նույնպես, ― ասաց Բիլլը։
 +
 +
― Թերևս, այնուամենայնիվ, շատ հետաքրքրիր է, ― ասաց Հարրիսը։ ― Ամեն օր պատրաստվում էի գալ և այդպես էլ չէի տեսնի, եթե այսօր չգայի։
 +
 +
― Սակայն միևնույն է սա ձուկ բռնելու հետ չես համեմատի, չէ՞, ― հարցրեց Բիլլը։ Հարրիսը նրան դուր էր գալիս։
 +
 +
― Դե, իհարկե։
 +
 +
Կանգնած էինք վանքի հին մատուռի առաջ։
 +
 +
― Ի՞նչ եք կարծում, ճանապարհի այն կողմում երևացողը պանդոկ չէ՞, ― հարցրեց Հարրիսը։ ― Թե տեսողությունս դավաճանում է ինձ։
 +
 +
― Նման է պանդոկի, ― ասաց Բիլլը։
 +
 +
― Ինձ էլ է թվում, որ պանդոկ է, ― ասացի ես։
 +
 +
― Էհ, ուրեմն, ― ասաց Հարրիսը, ― եկեք օգտվենք դրանից։ ― «Օգտվել» բառը նա փոխ էր առել Բիլլից։
 +
 +
Ամենքս մի֊մի շիշ գինի պատվիրեցինք։ Հարրիսը մեզ թույլ չտվեց վճարել։ Նա իսպաներեն շատ լավ էր խոսում, և հյուրանոցատերը փող չվերցրեց ոչ ինձնից, ոչ էլ Բիլլից։
 +
 +
― Բարեկամներս, դուք չեք պատկերացնում, թե ինձ համար որքան հաճելի էր ձեզ հետ։
 +
 +
― Մենք հիանալի ժամանակ անցկացրինք, Հարրիս։
 +
 +
Հարրիսը մի քիչ հարբած էր։
 +
 +
― Իսկապես, դուք չգիտեք, թե ինձ համար ինչքան լավ էր ձեզ հետ։ Պատերազմի ժամանակից սկսած, ես դեռ այդքան ուրախություն չէի ունեցել։
 +
 +
― Մեզ դեռ կվիճակվի երբևէ միասին ձուկ բռնել։ Հիշեք խոսքերս, Հարրիս։
 +
 +
― Իհարկե։ Մենք չափազանց ուրախ ժամանակ անցկացրինք։
 +
 +
― Մի շիշ էլ խմե՞նք։
 +
 +
― Հիանալի միտք է, ― ասաց Հարրիսը։
 +
 +
― Այս անգամ ես եմ վճարում, ― ասաց Բիլլը։ ― Այլապես մենք չենք խմի։
 +
 +
― Խնդրում եմ, թույլ տվեք ես վճարեմ, ինձ համար մեծ հաճույք է։
 +
 +
― Դա ինձ համար էլ է հաճույք, ― ասաց Բիլլը։
 +
 +
Պանդոկապանը բերեց չորրորդ շիշը։ Մեր բաժակները դեռ սեղանին էին։ Հարրիսը բարձրացրեց իր բաժակը։
 +
 +
― Գիտեք, սրանից կարելի է լավ օգտվել։
 +
 +
Բիլլը թփթփացրեց նրա ուսին։
 +
 +
― Մեր լավ Հարրիս։
 +
 +
― Գիտեք ինչ, իմ անունը Հարրիս չէ, այլ Ուիլսոն֊Հարրիս։ Դա մի ազգանուն է գծիկով, հասկանո՞ւմ եք։
 +
 +
― Մեր սիրելի Ուիլսոն֊Հարրիս, ― ասաց Բիլլը։ ― Մենք ձեզ Հարրիս ենք ասում, որովհետև սիրում ենք ձեզ։
 +
 +
― Գիտեք ինչ, Բարնս, դուք էլ չեք կարող պատկերացնել, թե ինձ համար այս ամենը ինչ է նշանակում։
 +
 +
― Օգտվենք ևս մեկական բաժակ, ― ասացի ես։
 +
 +
― Բարնս, դուք իսկապես չեք կարող հասկանալ։ Ահա թե ինչ եմ ասում։
 +
 +
― Խմեք, Հարրիս։
 +
 +
Ռոնսեվալից վերադառնալիս Հարրիսը քայլում էր մեր երկուսի միջև։ Նախաճաշեցինք հյուրանոցում, և Հարրիսը մեզ ուղեկցեց մինչև ավտոբուս։ Նա տվեց մեզ իր այցետոմսը՝ Լոնդոնի իր տան հասցեով, գրասենյակի հասցեով և ակումբի հասցեով, որտեղ ինքը լինում է, և ավտոբուս նստելիս ամենքիս մի ծրար տվեց։ Ես բացեցի ծրարն ու տեսա մեջը տասից ավելի արհեստական ճանճեր։ Հարրիսն ինքն էր դրանք սարքել։ Նա միշտ ինքն է սարքում։
 +
 +
― Լսեք, Հարրիս․․․ ― սկսեցի ես։
 +
 +
― Ոչ։ Ոչ։ ― Ասաց նա։ Նա արդեն իջել էր ավտոբուսից։ ― Դրանք իսկի էլ ամենալավ ճանճերը չեն։ Պարզապես մտածեցի, որ երբ կարթին ամրացնելու լինեք, միգուցե կհիշեք, թե ինչքան լավ ժամանակ անցկացրինք։
 +
 +
Ավտոբուսը շարժվեց։ Հարրիսը փոստի մոտ կանգնած ձեռքով արեց մեզ։ Երբ արդեն դուրս եկանք ճանապարհ, նա շրջվեց և ետ գնաց դեպի հյուրանոց։
 +
 +
― Հարրիսը լավն է, չէ՞, ― ասաց Բիլլը։
 +
 +
― Կարծում եմ, նա իսկապես լավ ժամանակ անցկացրեց։
 +
 +
― Հարրի՞սը։ Իհարկե։
 +
 +
― Ափսոս, որ նա մեզ հետ Փամփլոնա չեկավ։
 +
 +
― Ուզում էր ձուկ բռնել։
 +
 +
― Այո։ Եվ դեռ հարց է, թե մեր անգլիացիներն իրար հետ ինչպես էին լեզու գտնելու։
 +
 +
― Կարծում եմ, որ չէին գտնի։
 +
 +
Փամփլոնա հասանք երեկոյան դեմ, ավտոբուսը կանգ առավ Մոնտոյայի հյուրանոցի մուտքի մոտ։ Հրապարակում էլեկտրական լարեր էին անցկացնում ֆիեստայի ժամանակ հրապարակը լուսավորելու համար։ Երբ ավտոբուսը կանգ առավ, մոտեցան մի քանի տղաներ, իսկ մաքսատան աստիճանավորը կարգադրեց բոլոր ավտոբուսից իջնողներին բացել իրենց պարկերը հենց այդտեղ, մայթի վրա։ Մտանք հյուրանոց, սանդուղքին մեզ դիմավորեց Մոնտոյան։ Մշտական շփոթված ժպիտը դեմքին նա սեղմեց մեր ձեռքերը։
 +
 +
― Ձեր ընկերներն այստեղ են, ― ասաց նա։
 +
 +
― Պարոն Քե՞մփբելլը։
 +
 +
― Այո, պարոն Կոնը, պարոն Քեմփբելլը և լեդի Էշլին։
 +
 +
Նա ժպտաց, կարծես էլի ինչ֊որ բան էր ասում։
 +
 +
― Նրանք ե՞րբ են եկել։
 +
 +
― Երեկ։ Ես ձեզ համար պահել եմ ձեր նախկին սենյակը։
 +
 +
― Հիանալի է։ Դուք պարոն Քեմփբելլին տվեցի՞ք հրապարակ նայող պատուհաններով սենյակ։
 +
 +
― Այո։ Այն սենյակները, որ ընտրել էինք միասին։
 +
 +
― Իսկ որտե՞ղ են հիմա մեր ընկերները։
 +
 +
― Կարծեմ գնացին պելոտա խաղը նայելու։
 +
 +
― Իսկ ցրելից ի՞նչ կա։
 +
 +
Մոնտայան ժպտաց։
 +
 +
― Այսօր երեկոյան, ― ասաց նա, ― ժամը յոթին կբերեն վիլյարյան ցլերին, իսկ վաղը՝ մյուրյան։ Դուք բոլո՞րդ պիտի գնաք նայելու։
 +
 +
― Անպայման։ Նրանք երբեք չեն տեսել, թե ցլերին ինչպես են իջեցնում։
 +
 +
Մոնտոյան ձեռքը դրեց ուսիս։
 +
 +
― Այնտեղ կհանդիպենք։
 +
 +
Նա նորից ժպտաց։ Նա միշտ այնպես էր ժպտում, ասես ցլամարտը մեր երկուսի անձնական գաղտնիքն էր․ մի քիչ ամոթալի, բայց շատ մեծ գաղտնիքը, որ գիտեինք միայն մենք երկուսս։ Նա միշտ ժպտում էր այնպես, ասես երկուսիս իմացած այդ գաղտնիքի մեջ ուրիշների համար ինչ֊որ անպատշաճ մի բան կար։ Հարկ չկար բացելու դա այնպիսի մարդկանց մոտ, որոնք ընդունակ չէին հասկանալու։
 +
 +
― Ձեր բարեկամը նույնպե՞ս aficionado է, ― հարցրեց Մոնտոյան և ժպտաց Բիլլին։
 +
 +
― Այո, նա Նյու֊Յորքից հատկապես եկել է այս տոնը դիտելու։
 +
 +
― Իսկապե՞ս, ― Մոնտոյան քաղաքավարի կերպով կասկած հայտնեց։ ― Բայց կարծում եմ նա ձեզ նման aficionado չէ։
 +
 +
Նա նորից շփոթված ձեռքը դրեց ուսիս։
 +
 +
― Ոչ, ― ասացի։ ― Նա իսկական aficionado է։
 +
 +
― Համենայն դեպս ոչ ձեզ նման։
 +
 +
Aficion նշանակում է կիրք։ Aficionado կոչվում է նա, ով մոլի կերպով հրապուրվում է ցլամարտով։ Բոլոր լավ ցլամարտիկները ապրել էին Մոնտոյայի հյուրանոցում, բոլոր նրանք, ովքեր aficion են ունեցել, ապրել են այնտեղ։ Այն ցլամարտիկները, ովքեր աշխատել են փողի համար, պատահել է մնացել են նրա մոտ, սակայն երկրորդ անգամ այլևս այնտեղ չեն գնացել։ Լավ ցլամարտիկները գալիս էին ամեն տարի։ Մոնտոյայի սենյակում կախված էին նրանց լուսանկարները իրենց ձեռքով մակագրված։ Դրանք նվիրված էին կամ Խուանիտո Մոնտոյային, կան նրա քրոջը։ Այն ցլամարտիկների նկարները, որոնց Մոնտոյան իսկապես հավանում էր, կախված էին շրջանակների մեջ։ Իսկ aficion ցլամարտիկների նկարները պահում էր սեղանի դարակում։ Այդ լուսանկարների վրա հաճախ շատ շոյող մակագրություններ կային։ Սակայն դա նրա համար նշանակություն չուներ։ Մի անգամ Մոնտոյան այդ ամենը հանեց դարակից և գցեց աղբի զամբյուղը։ Չէր ուզում իր մոտ պահել։
 +
 +
Ես և նա հաճախ էինք խոսում ցլերի և ցլամարտիկների մասին։ Արդեն մի քանի տարի ես միշտ կանգ էի առնում Մոնտոյայի հյուրանոցում։ Մենք երբեք շատ երկար չէինք խոսում։ Պարզապես հաճելի էր միմյանց կարծիքն իմանալ։ Հաճախ հեռուներից եկած մարդիկ, Փամփլոնայից մեկնելուց առաջ, մի քանի րոպեով մտնում էին Մոնտոյայի մոտ, որպեսզի խոսեն նրա հետ ցլերի մասին։ Նրանք բոլոր aficionado֊ներ էին։ Aficionado-ները միշտ կարող էին սենյակ ստանալ, եթե անգամ հյուրանոցը լեփ֊լեցուն էր։ Մոնտոյան ինձ ծանոթացրել էր նրանցից մի քանիսի հետ։ Սկզբում նրանք իրենց շատ զուսպ էին պահում, քաղաքավարության սահմաններում, սակայն նայում էին ինձ որպես ամերիկացու, փոքր֊ինչ ծաղրաբար և թերահավատ։ Չգիտես ինչու, նրանց թվում էր, որ ամերիկացին ընդունակ չէ իսկական կրքի։ Նա կարող է կեղծել կամ էլ սովորական հուզմունքը կիրք համարել, սակայն իսկական կիրք ամերիկացին չի կարող ունենալ։ Սակայն, երբ տեսնում էին, որ ես իսկապես ունեմ այդ կիրքը, իսկ դա ստուգելու որևէ նշանաբան կամ հարցեր չկային, պարզապես դա մի տեսակ բանավոր, հոգևոր քննության նման բան էր, սկզբում զգուշավոր արվող հարցերով, իսկ, հետո, երբ համոզվում էին, նույնպես շփոթված ձեռքերը դնում էին ուսիս կամ էլ ասում․ «Buen Hombre»:<ref>Լավ մարդ (իսպ․)։</ref> Սակայն ավելի հաճախ փորձում էին ձեռքը դիպցնել ինձ, շոշափել, ասես համոզվելու համար, որ ես իսկապես aficion ունեմ։
 +
 +
Այն ցլամարտիկին, որ aficion ուներ, Մոնտոյան կարող էր ամեն ինչ ներել։ Նա ներում էր նյարդային նոպաները, վախկոտությունը, վատ, անբացատրելի արարքները, ամեն տեսակի մեղանչումները։ Ցլամարտի նկատմամբ իսկական կիրք ունեցողին նա ներում էր ամեն բան։ Այդպես նա ինձ ներեց իմ բոլոր ընկերների համար։ Նա այդ ոչնչով ցույց չէր տալիս, և մենք երկուսս էլ անհարմար էինք զգում խոսել այդ մասին, ինչպես անհարմար է, խոսելու բան չէ ցլամարտին ձիու մասնակցության մասին։
 +
 +
Հենց ներս մտանք, Բիլլն անմիջապես բարձրացավ վերև, և հիմա լվացվում ու շորերն էր փոխում իր սենյակում։
 +
 +
― Էհ, ― ասաց նա, ― իսպաներենից կարոտդ առա՞ր։
 +
 +
― Նա ասաց, որ ցլերին կբերեն այսօր երեկոյան։
 +
 +
― Արի գտնենք մերոնց ու գնանք նրանց մոտ։
 +
 +
― Լավ։ Հավանաբար նրանք սրճարանում կլինեն։
 +
 +
― Տոմսը վերցրե՞լ ես։
 +
 +
― Այո։ Բոլոր բեռնաթափումների համար։
 +
 +
― Իսկ դա նայելո՞ւ բան է։ ― Բիլլը հայելու առաջ դեմքի մաշկն էր ձգում, որպեսզի ստուգի, թե չսափրված մաս չի՞ մնացել։
 +
 +
― Շատ հետաքրքրիր է, ― ասացի ես։ ― Ցլերին վանդակներից մեկական բաց են թողնում կորրալ, իսկ եզները սպասում են նրանց ու չեն թողնում, որ իրար պոզահարեն, բայց ցլերը հարձակվում են եզների վրա և եզները վազվզում են նրանց շուրջ պառաված օրիորդների նման ու փորձում նրանց հանգստացնել։
 +
 +
― Իսկ ցլերը պոզահարո՞ւմ են եզներին։
 +
 +
― Պոզահարում են։ Երբեմն ցուլն ուղղակի հարձակվում է եզան վրա և սպանում։
 +
 +
― Եվ եզները ոչինչ չե՞ն կարող անել։
 +
 +
― Ոչ։ Նրանք փորձում են մտերմանալ ցլերի հետ։
 +
 +
― Այդ դեպքում եզներն այդտեղ ինչի՞ են պետք։
 +
 +
― Որպեսզի հանգստացնեն ցլերին, չթողնեն, որ նրանք իրենց եղջյուրները ջարդեն քարերին տալով կամ իրար պոզահարեն։
 +
 +
― Խոսք չկա, հիանալի բան է եզ լինելը։
 +
 +
Ցած իջանք, դուրս եկանք հյուրանոցից և հրապարակով քայլեցինք դեպի Իրունյա սրճարան։ Հրապարակում երկու փոքրիկ տնակներ էին դրել տոմսեր վաճառելու համար։ Պատուհանիկներին գրված էր «Sol, sol y sombra, sombra»,<ref>Արև, արև և ստվեր, ստվեր (իսպ․)։</ref> սակայն պատուհանիկները փակ էին, կբացվեին միայն ֆիեստայի նախօրյակին։
 +
 +
Իրունյա սրճարանի սպիտակ հյուսկեն աթոռներն ու սեղանիկները դրված էին ոչ միայն կամարաշարի տակ, այլև ամբողջ մայթին։ Սեղաններին նայելով որոնում էի Բրեթին և Մայքլին։ Նրանք այնտեղ էին։ Բրեթը, Մայքլը և Ռոբերտ Կոնը։ Բրեթը բերետ էր դրել, այնպիսին, ինչպիսին դնում են բասկերը։ Մայքլը նույնպես։ Կոնը առանց գլխարկի էր, ակնոցով։ Բրեթը մեզ տեսավ և ձեռքով արեց։ Մինչ մոտենում էինք սեղանին, նա աչքերը կկոցած նայում էր մեզ։
 +
 +
― Հելլո, տղաներ, ― ձայն տվեց նա։
 +
 +
Բրեթը շատ ուրախ էր։ Մայքը մեր ձեռքը սեղմեց ջերմությամբ։ Ռոբերտ Կոնը բարևեց մեզ ձեռքով նրա համար միայն, որ նոր էինք եկել։
 +
 +
― Գրողը տանի, ո՞ւր էիք կորել, ― հարցրի ես։
 +
 +
― Ես նրանց բերեցի այստեղ, ― ասաց Կոնը։
 +
 +
― Հիմարություն, ― ասաց Բրեթը։ ― Եթե դուք չլինեիք, մենք վաղուց եկած կլինեինք։
 +
 +
― Ոչ, դուք երբեք չէիք գա։
 +
 +
― Կատարյալ հիմարություն։ Բայց դուք երկուսդ էլ արևից լավ թխացել եք։ Մի նայեք Բիլլին։
 +
 +
― Շա՞տ ձուկ բռեցիք, ― հարցրեց Մայքը։ ― Մենք ուզում էինք միանալ ձեզ։
 +
 +
― Հաջող էր մեր ձկնորսությունը։ Սակայն ձեր կարիքը շատ էինք զգում։
 +
 +
― Ես ուզում էի գալ, ― ասաց Կոնը, ― բայց մտածեցի, որ հարկավոր է նրանց բերել։
 +
 +
― Մեզ բերել։ Նորից հիմարություն։
 +
 +
― Իսկապե՞ս որսը հաջող էր, ― հարցրեց Մայքը։ ― Ձուկ շա՞տ բռնեցիք։
 +
 +
― Օր էր լինում, որ ամենքս մի տասը ձուկ էինք բռնում։ Մեզ հետ մի անգլիացի կար։
 +
 +
― Ազգանունը Հարրիս, ― ասաց Բիլլը։ ― Դուք այդպիսի մեկին չե՞ք ճանաչում, Մայք։ Նա էլ է մասնակցել պատերազմին։
 +
 +
― Բախտավոր մարդ, ― ասաց Մայքլը։ ― Ուրախ ժամանակներ էին։ Եվ ով կարող է վերադարձնել մեզ այդ պայծառ օրերը։
 +
 +
― Հիմարություններ դուրս մի տուր։
 +
 +
― Դուք պատերազմում եղե՞լ եք, Մայքլ, ― հարցրեց Կոնը։
 +
 +
― Իհարկե։
 +
 +
― Նա քաջարի զինվոր է եղել, ― ասաց Բրեթը։ ― Հապա պատմիր նրան, թե քո ձին քեզ ինչպես տարավ Փիքադիլլի։
 +
 +
― Չեմ ուզում։ Արդեն չորս անգամ պատմել եմ։
 +
 +
― Ինձ համար ոչ մի անգամ չեք պատմել, ― ասաց Ռոբերտ Կոնը։
 +
 +
― Չեմ պատմի այդ պատմությունը։ Այն վարկաբեկում է ինձ։
 +
 +
― Պատմիր նրանց քո մեդալների մասին։
 +
 +
― Չեմ ուզում։ Այդ պատմությունը ստվեր է գցում ինձ վրա։
 +
 +
― Բայց ի՞նչ պատմություն է դա։
 +
 +
― Բրեթը ձեզ կպատմի։ Նա պատմում է բոլոր այն պատմությունները, որ ստվեր են գցում ինձ վրա։
 +
 +
― Դե, պատմիր, Բրեթ։
 +
 +
― Պատմե՞մ։
 +
 +
― Ինքս կպատմեմ։
 +
 +
― Մայք, դուք ինչ մեդալներ եք ստացել։
 +
 +
― Ոչ մի մեդալ էլ չեմ ստացել։
 +
 +
― Չի կարող պատահել։
 +
 +
― Իմ կարծիքով ես ունեմ բոլոր այն մեդալները, որ պիտի ունենայի, բայց ինքս երբեք չեմ խնդրել, որ ինձ մեդալ տան։ Մի անգամ մեծ ճաշկերույթ էին կազմակերպել և սպասում էին, որ պետք է գա Ուելսի արքայազնը, հրավիրատոմսի վրա գրված էր, որ բոլորը պետք է լինեն իրենց շքանշաններով և մեդալներով։ Ես, իհարկե, ոչ մի մեդալ էլ չունեի, մտա իմ ծանոթ դերձակի մոտ, ցույց տվեցի հրավիրատոմսս, նա, բնականաբար, հարգանքով լցվեց իմ նկատմամբ, ես էլ դրանից օգտվեցի ու ասացի նրան․ «Դուք պետք է ինձ համար մի քանի մեդալ գտնեք»։ Նա ասաց․ «Ի՞նչ մեդալներ, պարոն»։ Իսկ ես ասացի․ «Միևնույն է, ինչ որ լինի, միայն թե մի քանի հատ գտեք ինձ համար»։ Իսկ նա ասում է․ «Ինչ իմանամ» Մի՞թե դուք կարծում եք, թե ես ժամանակ եմ կորցնում բանակային այդ հիմար թերթերը կարդալով։ Տվեք ինչ ուզում եք, միայն որքան կարելի է շատ։ Ինքներդ ընտրեցեք»։ Նա էլ հենց տվեց ինձ մեդալներս, շատ փոքրի մեդալներ, ամբողջ մի տուփ, ես այդ տուփը գրպանս դրեցի, ու մոռացա դրա մասին։ Իհարկե, գնացի ճաշկերույթին, բայց հենց այդ երեկո սպանել էին Հենրի Ուիլսոնին, և ոչ արքայազնն էր եկել, ոչ թագավորը, ու շքանշան֊մեդալի պետք էլ չկար։ Բոլոր տղաները չարչարվելով իրենց մեդալներն էին հանում, իսկ իմս գրպանումս էր։
 +
 +
Նա պատմությունն ընդհատեց, և սպասում էր, որ մենք ծիծաղենք։
 +
 +
― Հենց այդքա՞ն։
 +
 +
― Այո։ Թերևս լավ չպատմեցի։
 +
 +
― Շատ վատ պատմեցիր, ― ասաց Բրեթը, ― բայց ոչինչ։
 +
 +
Բոլորս ծիծաղեցինք։
 +
 +
― Հա, ― ասաց Մայքը, ― հիշեցի։ Շատ ձանձրալի ճաշկերույթ էր, չկարողացա դիմանալ և դուրս եկա։ Երեկոյան մեկ էլ գրպանումս հայտնաբերեցի տուփը։ Սա ի՞նչ բան է, մտածեցի։ Մեդալնե՞ր։ Զինվորական անիծյալ մեդալներ։ Բոլոր այդ մեդալները իրարից անջատեցի, դրանք մի ժապավենի վրա էին ամրացված և մի֊մի հատ սկսեցի բաժանել աղջիկներին, որպես հուշանվեր։ «Այ սա մարտիկ է, ― մտածում էին նրանք։ Մեդալներ է բաժանում գիշերային գինետանը։ Իսկական կտրիճ է»։
 +
 +
― Շարունակությունը պատմիր, ― ասաց Բրեթը։
 +
 +
― Դա իսկապես շատ ծիծաղելի էր։ Եվ ահա դերձակս ինձ նամակ է գրում և ետ է պահանջում մեդալները։ Մարդ է ուղարկում մեդալներն ուզելու։ Ամիսներ շարունակ գրում է։ Բանից դուրս է գալիս, ինչ֊որ մեկը տվել էր նրան այդ մեդալները, որ փայլեցնի։ Մի զինվորական։ Այդ մարդը դողում էր մեդալների վրա, քիչ էր մնում խելքը թռցնի։
 +
 +
Մայքը լռեց։
 +
 +
― Դերձակի համար դա ծանր հարված էր, ― ասաց նա։
 +
 +
― Ինչ եք ասում, ― ասաց Բիլլը, ― ես կարծում էի, որ դուք երջանկացրել եք ձեր դերձակին։
 +
 +
― Շատ լավ դերձակ էր։ Հիմա ինձ վրա նայելով դժվար է դրան հավատալ, ― ասաց Մայքը։ ― Ես նրան տարեկան հարյուր ֆունտ էի վճարում, որ հանգիստ լինի։ Եվ նա ինձ երբեք հաշիվներ չէր ուղարկում։ Այնպես որ իմ սնանկանալը նրա համար սարսափելի հարված էր։ Իսկ դա եղավ մեդալների պատմությունից անմիջապես հետո։ Ու հենց դրա համար էր, որ այդքան զայրացած նամակներ էր գրում։
 +
 +
― Իսկ ինչպե՞ս սնանկացաք, ― հարցրեց Բիլլը։
 +
 +
― Երկու եղանակով, ― ասաց Մայքլը, ― սկզբում աստիճանաբար, հետո միանգամից։
 +
 +
― Եվ ի՞նչն էր պատճառը։
 +
 +
― Ընկերներս, ― ասաց Մայքլը։ ― Ես շատ ընկերներ ունեի։ Ոչ իսկական ընկերներ։ Եվ ունեի նաև շատ պարտատերեր։ Անգլիայում հավանաբար ոչ ոք ինձնից շատ պարտատերեր չուներ։
 +
 +
― Նրանց դատի մասին պատմիր, ― ասաց Բրեթը։
 +
 +
― Չեմ հիշում, ― ասաց Մայքը։ ― Մի քիչ հարբած էի։
 +
 +
― Մի քիչ, ― բացականչեց Բրեթը։ ― Դու սարսափելի հարբած էիր։
 +
 +
― Զարմանալի բան, ― ասաց Մայքը։ ― Օրերս հանդիպեցի իմ նախկին գործընկերոջը։ Ուզում էր ինձ խմիչք հյուրասիրել։
 +
 +
― Քո գիտուն փաստաբանի մասին պատմիր, ― ասաց Բրեթը։
 +
 +
― Ոչ, ― ասաց Մայքը, ― իմ գիտուն փաստաբանը նույնպես հարբած էր։ Ասացի չէ, որ սա շատ տհաճ թեմա է։ Եվ, վերջապես, գնո՞ւմ ենք նայելու ինչպես են բեռնաթափում ցլերին, թե ոչ։
 +
 +
― Գնում ենք։
 +
 +
Կանչեցինք մատուցողին, վճարեցինք և քայլեցինք դեպի քաղաքի մյուս ծայրը։ Ես գնացի Բրեթի հետ, սակայն Ռոբերտ Կոնը հասավ մեզ և քայլեց Բրեթի մյուս կողքից։ Այդպես երեքով քայլելով անցանք Ayuntamiento֊ի մոտով, որի պատշգամբից դրոշակներ էին կախված, շարունակեցինք մեր ճամփան շուկայի մոտով և քայլեցինք զառիվեր փոքրիկ փողոցով, որ տանում էր դեպի Արգայի կամուրջը։ Ցլերին դիտելու շատ մարդ էր գնում, կառքերն ստիպված էին իջնել ցած և անցնել կամուրջով։ Ոտքով քայլողների գլխավերևում երևում էին մտրակներ, ձիեր, կառապաններ։ Կամուրջն անցնելով թեքվեցինք դեպի կորրալ տանող ճանապարհը։ Անցանք մի գինու խանութի մոտով, որի ցուցափեղկին գրված էր․ «Լավ գինի, մեկ լիտրը 30 սենտիմ»։
 +
 +
― Ահա թե ուր կգանք, երբ փողներս վերջանա, ― ասաց Բրեթը։
 +
 +
Երբ անցնում էինք խանութի մոտով, դռանը կանգնած կինը նայեց մեզ։ Նա ձայն տվեց ինչ֊որ մեկին, և երեք աղջիկ մոտեցան պատուհանին ու սկսեցին մեզ նայել։ Նրանք նայում էին Բրեթին։
 +
 +
Կորալլի դարպասի մոտ երկու տղամարդ տոմսերն էին վերցնում ներս մտնողներից։ Մենք ներս մտանք։ Ցանկապատից ներս ծառեր էին աճում և մի ցածր քարե տուն կար։ Բակի ծայրին երևում էին կորրալի պատը՝ անցքերով, որ հրակնատների նման շարված էին երկու անասնանոցներից յուրաքանչյուրի ճակատամասին։ Պատին մի աստիճան էր հենած, որով մարդիկ բարձրանում էին ու կանգնում երկու անասնանոցների միջև ընկած լայն միջնորմին։ Երբ մենք ծառերի տակ աճած խոտի վրայով մոտենում էինք սանդուղքին, անցանք մեծ, մոխրագույն ներկած վանդակների մոտով, որոնց մեջ ցլեր էին Յուրաքանչյուր վանդակի մեջ ցուլ էր։ Դրանց գնացքով բերել էին կաստիլյան ցլաբուծարանից, կայրանում բեռնաթափել էին ապրանքատար բաց վագոններից և բերել այստեղ, որպեսզի վանդակներից բաց թողնեն կորրալ։ Ամեն վանդակի վրա գրված էր ցլաբուծարանի տիրոջ անունն ու նշանը։
 +
 +
Բարձրացանք սանդուղքին և տեղ գտանք մի պատի մոտ, որտեղից երևում էր կորրալը։ Պատերը սպիտակեցված էին, գետնին ծղոտ էր փռած, իսկ պատերի երկայնությամբ դրված էին փայտե կերամաններ և ջրի տաշտեր։
 +
 +
― Մի այն կողմ նայեց, ― ասացի ես։
 +
 +
Գետից այն կողմ, բարձրահարթի վրա վեր էր խոյանում քաղաքը։ Հին հողապատնեշներն ու ամրոցի պատերն ամբողջապես ծածկված էին մարդկանցով։ Երեք շարք ամրություններին այնքան խիտ էին կանգնած մարդիկ, որ դրանք ասես երեք սև գծեր լինեին։ Ավելի վեր, տների պատուհաններից ամեն տեղ երևում էին մարդկանց գլուխներ։ Բարձրահարթի եզրին ծառերն էին բարձրացել փոքրիկ տղաները։
 +
 +
― Նրանք կարծես ինչ֊որ բանի են սպասում, ― ասաց Բրեթը։
 +
 +
― Ուզում են տեսնել ցլերին։
 +
 +
Մաքյն ու Բիլլը կանգնած էին անասնանոցի դիմացի պատի մոտ։ Նրանք մեզ ձեռքով արեցին։ Մեզնից հետո եկած մարդիկ ետևից սեղմում էին մեզ, իսկ նրանց էլ ճնշում էին ավելի ուշ եկածները։
 +
 +
― Ինչո՞ւ չեն սկսում, ― հարցրեց Ռոբերտ Կոնը։
 +
 +
Վանդակներից մեկին մի ջորի կապեցին, որը վանդակը քարշ տվեց մինչև կորրալի պատի միջի դարպասը։ Մարդիկ լինգերով շարունակ հրում և բարձրացնում էին վանդակն այնպես, որ այն ուղիղ դարպասի առաջ կանգնի։ Պատին կանգնած արդեն սպասում էին ուրիշ մարդիկ, պատրաստ բացելու կորրալի դարպասն, ու այնտեղից դուրս վազեցին երկու եզ՝ գլուխները թափահարելով, նիհար կողերը ճոճելով։ Նրանք կանգնեցին իրար կողքի, պատի մոտ, գլուխները դեպի դարպասը, որտեղից պետք է դուրս գար ցուլը։
 +
 +
― Չէի ասի, թե ուրած տեսք ունեն, ― ասաց Բրեթը։
 +
 +
Պատի վրա կանգնած մարդիկ կռացան և բացեցին կորրալի դուռը։ Հետո բացեցին վանդակի դուռը։
 +
 +
Ես պատի վրայից կռացա, ջանալով նայել վանդակի մեջ։ Այնտեղ մութ էր։ Մեկը մետաղաձողով խփեց վանդակին։ Ներսում ասես ինչ֊որ բան պայթեց։ Ցուլը մռնչում էր կոտոշները այս ու այն կողմ խփելով վանդակի փայտերին։ Հետո տեսա մի սև դունչ և կոտոշների ստվերը, ապա սմբակներն աղմուկով դոփելով փայտերին, ցուլը դուրս թռավ կորրալ, առջևի ոտքերը սահեցրեց ծղոտի վրայով, կանգ առավ՝ ամբողջ մարմնով դողալով, պարանոցի մկանները ուռցրած, և գլուխը ետ գցելով նայեց պատերին շարված մարդկանց։ Երկու եզները ետ֊ետ գնացին դեպի պատը, գլուխները կախ, աչքը ցլից չկտրելով։
 +
 +
Ցուլը տեսավ եզներին և նետվեց նրանց կողմը։ Կերի տաշտի ետև կանգնած որսահալածներից մեկը բարձր ձայն տվեց, գլխարկը խփելով փայտերին, և ցուլը եզներին չմոտեցած շրջվեց, ձգվեց, ցատկեց դեպի կերակրատաշտն ու սկսեց աջ կոտոշով հարվածներ տեղալ, ջանալով հարվածել որսահալածին։
 +
 +
― Տեր իմ, որքան գեղեցիկն է, ― ասաց Բրեթը։
 +
 +
Ցուլը կանգնած էր հենց մեր ցածում։
 +
 +
― Տեսեք, թե նա ինչպես է օգտագործում իր կոտոշները, ― ասացի ես։ ― Նրա աջ և ձախ հարվածները իսկական բռնցքամարտիկի հարվածներ են։
 +
 +
― Իսկապե՞ս։
 +
 +
― Նայեք։
 +
 +
― Չափազանց արագ է, չեմ հասցնում տեսնել։
 +
 +
― Սպասեք։ Հիմա մի նոր ցուլ բաց կթողնեն։
 +
 +
Մուտքի մոտ արդեն նոր վանդակ էր դրված։ Կորրալի հեռու անկյունում որսահալածը փայտե ցանկապատի ետև թաքնված գրավում էր ցուլի ուշադրությունը, և մինչ ցուլը նայում էր նրա կողմը, դուռը բացեցին և երկրորդ ցուլը ներս խուժեց կորրալ։
 +
 +
Նա միանգամից հարձակվեց եզների վրա, և երկու որսահալած դուրս թռան փայտե ցանկապատի ետևից ու սկսեցին բարձր գոռգոռալ, փորձելով իրենց կողմ գրավել ցուլի ուշադրությունը։ Նրանք գոռում էին․ «Հա՜֊հա՜, Տորո», ― և ձեռներն էին թափահարում, սակայն ցուլը ետ չշրջվեց․ եզները կանգնեցին կողքով դեպի ցուլը, որպեսզի հարվածն ընդունեն, և ցուլը կոտոշը խրեց մեկի կողի մեջ։
 +
 +
― Մի նայիր, ― ասացի Բրեթին։
 +
 +
Սակայն նա հմայված նայում էր ցուլին։
 +
 +
― Դե լավ, ― ասացի ես, ― եթե ձեզ համար սա տհաճ չէ։
 +
 +
― Ես տեսա, ― ասաց Բրեթը։ ― Տեսա թե ինչպես նա հարվածեց ձախ, հետո էլ աջ կոտոշով։
 +
 +
― Հիանալի է։
 +
 +
 +
Եզն ընկել ու մնացել էր նույն դիրքում՝ պարանոցը ձգած, գլուխը թեքած։ Հանկարծ ցուլը թողեց զոհին և հարձակվեց մյուս եզան վրա, որ կանգնած էր կորրալի հեռավոր անկյունում և գլուխը այս ու այն կողմ պտտելով նայում էր ցլին։ Եզն անվարժ վազեց, ցուլը հասավ նրան, թեթևակի պոզահարեց կողը, հետո շրջվեց և բաշն ուռցրած կատաղի նայեց պատերին շարված մարդկանց։ Եզը մոտեցավ ցլին, ձևացնելով, թե ուզում է հոտոտել նրան, սակայն ցուլը մի քանի անգամ թեթևակի պոզահարեց նրան։ Հետո ցուլը հոտոտեց եզին և երկուսով վազեցին դեպի առաջին ցուլը։
 +
 +
Երբ մի նոր ցուլ մտավ կորրալ, երկու ցլերն ու եզը կանգնած էին կողք֊կողքի, գլուխները թեքած և կոտոշներն ուղղած դեպի նորեկը։ Եզը մի քանի րոպեում մտերմացավ ցլի հետ, հանգստացրեց նրան և միացրեց նախրին։ Երբ բեռնաթափեցին վերջին երկու ցլերին, ամբողջ նախիրը հավաքվեց մի տեղ։
 +
 +
Եզը, որին պոզահարել էր առաջին ցուլը, քարե պատին հենվելով ոտքի կանգնեց։ Ցլերը նրան չմոտեցան, և եզն էլ չփորձեց միանալ նախրին։
 +
 +
Մենք հավաքված մարդկանց հետ իջանք պատից և մի անգամ էլ նայեցինք ցլերին կորրալի պատի արանքից։ Հիմա բոլորը կանգնած էին հանգիստ, գլուխները կախած։ Դուրս գալով այդտեղից, կառք նստեցինք և գնացինք սրճարան։ Մայքը և Բիլլը եկան կես ժամ հետո։ Ճանապարհին մի քանի տեղ կանգ էին առել խմելու։
 +
 +
Նստած էինք սրճարանում։
 +
 +
― Զարմանալի բան է, ― ասաց Բրեթը։
 +
 +
― Վերջին ցլերն արդյոք նույնքա՞ն լավ են մարտի համար, ինչպես առաջինները, ― հարցրեց Ռոբերտ Կոնը։ ― Դրանք կարծես շատ շուտ հանգստացան։
 +
 +
― Նրանք բոլորն իրար գիտեն, ― ասացի ես։ ― Ցլերը վտանգավոր են, երբ մենակ են, կամ երկու֊երեքով են։
 +
 +
― Այսինքն ինչպես թե, ― ասաց Բիլլը։ ― Ինձ համար դրանք միշտ էլ սարսափելի են։
 +
 +
― Ցուլը սպանելու ցանկություն է ունենում, երբ մենակ է։ Իհարկե, եթե դու մտնեիր նրանց մոտ, նրանցից մեկը հավանաբար կառանձնանար և այդպիսով կդառնար վտանգավոր։
 +
 +
― Դա շատ բարդ է, ― ասաց Բիլլը։ ― Մայք, ինձ երբեք նախրից չանջատեք։
 +
 +
― Ամեն դեպքում, ― ասաց Մայքը, ― դրանք հիանալի ցլեր էին։ Նրանց կոտոշները տեսա՞ք։
 +
 +
― Ինչպես չտեսա, ― ասաց Բրեթը։ ― Ես առաջ ոչ մի պատկերացում չունեի, թե դրանք ինչպիսին են։
 +
 +
― Իսկ տեսա՞ք, թե ինչպես եզին պոզահարեց, ― հարցրեց Մայքը։ ― Հոյակապ էր։
 +
 +
― Եզ լինելն այնքան էլ հաճելի բան չէ, ― ասաց Ռոբերտ Կոնը։
 +
 +
― Դուք ա՞յդ կարծիքին եք, ― ասաց Մայքը։ ― Իսկ ինձ թվում է,  որ ձեզ դուր կգար եզ լինել, Ռովերտ։
 +
 +
― Ի՞նչ եք ուզում ասած լինել, Մայքլ։
 +
 +
― Եզները շատ խաղաղ կյանք ունեն։ Միշտ լռում են և միշտ ցցված են ցլերի կողքին։
 +
 +
Բոլորս մեզ անհարմար, վատ զգացինք։ Բիլլը ծիծաղեց։ Ռոբերտ Կոնը զայրացած էր։ Մայքը շարունակում էր․
 +
 +
― Ինձ թվում է դա ձեզ շատ դուր կգար։ Ստիպված չէիք լինի խոսել։ Դե, Ռոբերտ, մի բան ասեք, հո չի կարելի այդպես լուռ նստել։
 +
 +
― Ես ասացի, Մայք։ Մի՞թե չեք հիշում։ Եզների մասին։
 +
 +
― Օհ, էլի մի բան ասեք։ Մի զվարճալի բան ասեք։ Դուք հո տեսնո՞ւմ եք, որ բոլորս այստեղ լավ ժամանակ ենք անցկացնում։
 +
 +
― Բավական է, Մայք։ Դու հարբած ես, ― ասաց Բրեթը։
 +
 +
― Ես հարբած չեմ։ Ես շատ լուրջ եմ։ Հետաքրքիր է, Ռոբերտ Կոնը դեռ ինչքան է մտադիր եզան նման Բրեթի շուրջը պտտվել։
 +
 +
― Լռիր, Մայքլ։ Ցույց տուր, որ դաստիարակված մարդ ես։
 +
 +
― Գրողի ծոցը այդ դաստիարակությունը։ Ցլերից բացի, ո՞վ է, որ լավ դաստիարակություն ունի։ Բայց նրանք հրաշալի են, չէ՞։ Ձեզ դուր եկա՞ն, Բիլլ։ Ինչո՞ւ դուք ոչինչ չեք ասում, Ռոբերտ։ Նստել եք այստեղ հուղարկավորողի տեսքով։ Հետո ինչ, որ Բրեթը ձեզ հետ քնել է։ Նա ձեզանից շատ ավելի լավերի հետ է եղել։
 +
 +
― Լռեք, ― ասաց Կոնը։ Նա վեր կացավ տեղից։ ― Լռեք, Մայք։
 +
 +
― Օհ, մի վեր կացեք և ձեզ մի պահեք այնպես, ասես ուզում եք ինձ խփել։ Դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ասացեք, Ռոբերտ, ինչո՞ւ եք ողորմելի եզան պես շարունակ պտտվում Բրեթի շուրջը։ Չե՞ք հասկանում, որ դուք նրան պետք չեք։ Ես, օրինակ, իսկույն զգում եմ՝ պետք եմ, թե ոչ։ Ինչո՞ւ դուք չեք զգում։ Դուք եկաք Սան֊Սեբաստիան, ուր ձեզ բոլորովին չէին սպասում և աներես եզան պես սկսեցիք պտտվել Բրեթի շուրջը։ Ձեր կարծիքով դա ճի՞շտ է։
 +
 +
― Լռեք, դուք հարբած եք։
 +
 +
― Միգուցե և հարբած եմ։ Իսկ դուք ինչո՞ւ հարբած չեք։ Ինչո՞ւ երբեք չեք խմում, Ռոբերտ։ Ձեզ համար այնքան էլ ուրախ չէր Սան֊Սեբաստիանում, որովհետև մեր ընկերներից և ոչ մեկը ձեզ ոչ մի երեկոյի չհրավիրեց։ Եվ նրանց մեղադրել չեք կարող։ Մի՞թե կարող եք։ Ես էլ եմ նրանց խնդրել, որ ձեզ հրավիրեն։ Սակայն նրանք չուզեցին։ Ասացեք, մի՞թե կարող եք նրանց մեղադրել։ Դե, ասացեք։ Պատասխանեք ինձ։ Կարո՞ղ եք դուք նրանց մեղադրել։
 +
 +
― Կորեք գրողի ծոցը, Մայքլ։
 +
 +
― Ես չեմ կարող նրանց մեղադրել։ Իսկ դուք, դուք կարո՞ղ եք։ Ինչո՞ւ եք շարունակ Բրեթի ետևից քարշ գալիս։ Սա ինչ պահվածք է։ Ինչ եք կարծում, դա հաճելի՞ է ինձ։
 +
 +
― Պահվածքից լավ է չխոսես, ― ասաց Բրրեթը։ ― Դու ինքդ էլ մի երևելի պահվածք չունես։
 +
 +
― Գնանք, Ռոբեր, ― ասաց Բիլլը։
 +
 +
― Ինչո՞ւ եք շարունակ նրա ետևիվ քարշ գալիս։
 +
 +
Բիլլը վեր կացավ և քաշեց Կոնի թևից։
 +
 +
― Մի գնացեք, ― ասաց Մայքը։ ― Ռոբերտ Կոնը խմիչք է պատվիրում։
 +
 +
Բիլլը Կոնի հետ գնաց։ Կոնի դեմքը դեղնել էր։ Մայքլը շարունակում էր խոսել։ Ես լուռ նստած մի քիչ ժամանակ լսում էի նրան։ Բրեթը դժգոհ տեսք ուներ։
 +
 +
― Մայքլ, դու քեզ պարզապես հիմարի պես ես պահում, ― ընդհատեց նա Մայքլին։ ― Սակայն դա չի նշանակում, որ նրա ասածները ճիշտ չեն, ― դարձավ նա դեպի ինձ։
 +
 +
Մայքլն անմիջապես խաղաղվեց։ Մենք իրար հետ կարողանում էինք ընկերություն անել։
 +
 +
― Ես այնքան էլ հարբած չեմ, ինչպես թվում է ձեզ, ― ասաց նա։
 +
 +
― Գիտեմ, որ դու հարբած չես, ― ասաց Բրեթը։
 +
 +
― Բոլորս էլ մի քիչ խմել ենք։
 +
 +
― Ես ասում էի այն, ինչ մտածում էի։
 +
 +
― Բայց ասում էիր շատ վատ ձևով, ― Բրեթը ծիծաղեց։
 +
 +
― Ամեն դեպքում, նա ավանակ է։ Եկավ Սան֊Սեբաստիան, որտեղ ոչ մեկի համար հաճելի չէր։ Քարշ էր գալիս Բրեթի շուրջն ու աչքը չէր կտրում նրանից։ Ուղղակի զզվելի էր։
 +
 +
― Իսկապես, նա իրեն վատ պահեց, ― ասաց Բրեթը։
 +
 +
― Հասկացեք ինձ։ Բրեթն առաջ էլ սիրեկաններ ուներ։ Նա ինձ ամեն ինչ պատմում է։ Նա ինձ տվեց Կոնի նամակները, որ կարդամ, սակայն ես չկարդացի։
 +
 +
― Ինչպիսի՜ վեհանձնություն։
 +
 +
― Լսեք ինձ, Ջեյք։ Բրեթը ունեցել էր սիրեկաններ։ Սակայն նրանց մեջ ոչ մի հրեա չի եղել, և նրանք հետո այլևս Բրեթին նեղություն չեն պատճառել։
 +
 +
― Շատ լավ տղաներ էին, ― ասաց Բրեթը։ ― Սակայն չարժե այդ մասին խոսել։ Ես և Մայքլն իրար հասկանում ենք։
 +
 +
― Նա տալիս էր ինձ Կոնի նամակները, սակայն ես չէի կարդում։
 +
 +
― Սիրելիս, դու ընդհանրապես ոչ մի նամակ չէիր կարդում։ Նույնիսկ իմ նամակները։
 +
 +
― Նամակներ կարդալ չեմ կարողանում, ― ասաց Մայքը։ ― Ծիծաղելի է, այնպես չէ՞։
 +
 +
― Դու ոչինչ կարդալ չես կարող։
 +
 +
― Ոչ։ Այ, այստեղ դու սխալվում ես։ Ես շատ եմ կարդում, երբ տանն եմ, շա՜տ, շատ եմ կարդում։
 +
 +
― Շուտով կսկսես գրել, ― ասաց Բրեթը։ ― Դե, Մայքլ, տրամադրությունդ մի գցիր։ Նա այստեղ է, և դու պետք է հաշտվես այդ մտքի հետ։ Ֆիեստան մի փչացրու։
 +
 +
― Ուրեմն թող կարգին պահի իրեն։
 +
 +
― Կարգին կպահի։ Ես կասեմ նրան, որ իրեն կարգին պահի։
 +
 +
― Դուք ասեք նրան, Ջեյք։ Ասեք նրան, որ կամ իրեն կարգին պահի, կամ կորի գնա այստեղից։
 +
 +
― Այո, իհարկե, ― ասացի։ ― Ինձ համար հատկապես հաճելի կլինի նրան այդ ասել։
 +
 +
― Լսիր, Բրեթ, ասա Ջեյքին, թե Ռոբերտն ինչպես է քեզ անվանում։ Դա պարզապես հրաշք է։
 +
 +
― Օհ, ոչ։ Չեմ կարող։
 +
 +
― Ասա։ Չէ որ մենք մտերիմներ ենք, ընկերներ։ Այնպես չէ՞, Ջեյք, մենք ընկերներ ենք, չէ՞։
 +
 +
― Չեմ կարող, Մայքլ։ Դա ծիծաղելի է։
 +
 +
― Ուրեմն, ես կասեմ։
 +
 +
― Պետք չէ, Մայքլ։ Հիմարություն մի արեք։
 +
 +
― Նա Բրեթին կոչում է Կիրկե, ― ասաց Մայքլը։ ― Հավատացնում է, որ Բրեթը տղամարդկանց դարձնում է խոզ։ Հիանալի է ասված։ Ափսոս, որ ես գրող չեմ։
 +
 +
― Բայց Մայքլից շատ լավ գրող դուրս կգար, ― ասաց Բրեթը։ ― Ի՜նչ նամակներ է գրում նա։
 +
 +
― Գիտեմ, ― ասացի։ ― Նա գրել էր ինձ Սան֊Սեբաստիանից։
 +
 +
― Դա ինչ է որ, ― ասաց Բրեթը։ ― Նա կարող է շատ զվարճալի նամակներ գրել։
 +
 +
― Բրեթը ստիպեց ինձ, որ գրեմ։ Ինքը հիվանդ էր ձևացել։
 +
 +
― Ես իսկապես հիվանդ էի։
 +
 +
― Գնանք, ― ասացի։ ― Գնանք, ուտելու ժամանակն է։
 +
 +
― Ես ինձ ինչպես պահեմ Կոնի հետ, ― ասաց Մայքլը։
 +
 +
― Պահեք ձեզ այնպես, ասես ոչինչ չի եղել։
 +
 +
― Ինձ համար միևնույն է, ― ասաց Մայքը։ ― Ես ինձ ամենևին անհարմար չեմ զգում։
 +
 +
― Եթե նա այդ մասին մի բան ասի, ասացեք, որ հարբած եք եղել։
 +
 +
― Ճիշտ է։ Եվ ծիծաղելին այն է, որ կարծես իսկապես էլ հարբած եմ եղել։
 +
 +
― Գնանք, ― ասաց Բրեթը։ ― Այս թույնի համար վճարե՞լ եք։ Մինչև ճաշ ես պետք է լոգանք ընդունեմ։
 +
 +
Կրեցինք անցանք հրապարակը։ Արդեն մթնել էր, սակայն հրապարակը լուսավորված էր սյունաշարի տակ գտնվող սրճարանների լույսերով։ Քայլեցինք դեպի հյուրանոց ծառերի տակով, մանրախճով ծածկված նեղլիկ ճանապարհով։
 +
 +
Մայքլն ու Բրեթը վեր բարձրացան, իսկ ես կանգնեցի, որ մի քիչ խոսեմ Մոնտոյայի հետ։
 +
 +
― Ցլերը ձեզ դո՞ւր եկան, ― հարցրեց Մոնտոյան։
 +
 +
― Այո։ Հիանալի ցլեր են։
 +
 +
― Ոչինչ, լավն են։ ― Մոնտոյան գլուխը տարուբերեց։ ― Բայց շատ լավ չեն։
 +
 +
― Ինչո՞ւ ձեզ դուր չեն գալիս։
 +
 +
― Ինքս էլ չգիտեմ։ Ուղղակի այնպիսի մի զգացում ունեմ, որ դրանք այնքան էլ լավ ցլեր չեն։
 +
 +
― Հասկանում եմ ձեզ։
 +
 +
― Բայց, իհարկե, վատ ցլեր չեն։
 +
 +
― Այո, վատը չեն։
 +
 +
― Իսկ ձեր ընկերները հավանեցի՞ն։
 +
 +
― Շատ հավանեցին։
 +
 +
― Լավ է, ― ասաց Մոնտոյան։
 +
 +
Բարձրացա վերև։ Բիլլը իր սենյակի պատշգամբում կանգնած նայում էր դեպի հրապարակ։ Մոտեցա նրան։
 +
 +
― Որտե՞ղ է Կոնը։
 +
 +
― Իր սենյակում։
 +
 +
― Ինչպե՞ս է զգում իրեն։
 +
 +
― Իհարկե, շատ վատ։ Մայքլն իրեն շատ վատ պահեց։ Հարբած ժամանակ նա անտանելի է։
 +
 +
― Նա հարբած չէր։
 +
 +
― Ինչպես թե հարբած չէր։ Ես հո գիտեմ մենք ինչքան էինք խմել մինչև սրճարան գալը։
 +
 +
― Հետո նրա հարբածությունն անցավ։
 +
 +
― Թեկուզ և այդպես։ Բայց նա իրեն այլանդակ պահեց։ Ես էլ Կոնին մի առանձնապես չեմ սիրում և գտնում եմ, որ նրա Սան֊Սեբաստիան գնալը հիմարություն էր, սակայն ոչ ոք իրավունք չունի Մայքլի նման խոսել մարդու հետ։
 +
 +
― Ցլերը հավանեցի՞ր։
 +
 +
― Շատ։ Նրանց դուրս բերելը ուղղակի հիանալի է։
 +
 +
― Վաղը կբերեն մյուրյան ցլերին։
 +
 +
― Ֆիեստան ե՞րբ է սկսվում։
 +
 +
― Վաղը չէ մյուս օրը։
 +
 +
― Պետք է հետևել Մայքլին, որ շատ չհարբի։ Թե չէ իրեն շատ վատ է պահում։
 +
 +
― Ավելի լավ է մեզ կարգի բերենք ընթրիքի իջնելու։
 +
 +
― Այո, ուրախ ընթրիք է լինելու։
 +
 +
― Դե, իհարկե։
 +
 +
 +
Ընթրիքն իսկապես էլ շատ ուրախ անցավ։ Բրեթը հագել էր անթև, սև գույնի երեկոյան զգեստ։ Նա շատ գեղեցիկ էր։ Մայլքն իրեն պահում էր այնպես, կարծես ոչինչ չէր եղել։ Ես ստիպված էի վեր բարձրանալ և բերել Ռոբերտ Կոնին։ Նա իրեն պահում էր սառն ու պաշտոնական, դեմքը դեռ դեղնած էր, գունատ, ինքնամփոփ, սակայն վերջում նրա տրամադրությունն էլ բացվեց։ Նա չէր կարողանում չնայել Բրեթին։ Հավանաբար դա նրա համար մեծ երջանկություն էր։ Հավանաբար նրա համար հաճելի էր տեսնել Բրեթին այդքան գեղեցիկ, և իմանալ, որ Բրեթը մեկնել է իր հետ, և որ բոլորը գիտեն այդ։ Դա արդեն ոչ մեկը չէր կարող նրանից խլել։ Բիլլը սրամտում էր։ Սրամտում էր և Մայքլը։ Նրանք միասին իրենց շատ լավ էին զգում։
 +
 +
Այդպիսի ընթրիքներ ես հիշում էի մեկ էլ պատերազմի ժամանակ։ Շատ գինի, շինծու անհոգություն և այնպիսի մի նախազգացում, որ ինչ լինելու է կլինի և հնարավոր չէ կանխել։ Գինու ազդեցության տակ իմ մռայլ զգացողություններն էլ վերացան և տրամադրությունս բարձրացավ։ Բոլորը թվում էին ինձ լավ, բարի մարդիկ։
 +
  
  

19:54, 16 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Եվ ծագում է արևը (Ֆիեստա)

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Ռուզան Ղազարյան (անգլերենից)
աղբյուր՝ «Եվ ծագում է արևը (Ֆիեստա)»


Գիրք առաջին

Գլուխ առաջին

Ռոբերտ Կոնը մի ժամանակ Պրինսթոնի համալսարանի բռնցքամարտի չեմպիոնն էր միջին քաշում։ Չմտածեք, թե բռնցքամարտի նրա այդ տիտղոսը մի առանձին կարևորություն ուներ ինձ համար, բայց Կոնի համար դա շատ կարևոր էր։ Նա բռնցքամարտի համար ոչինչ չէր խնայում, թեև իրականում ամենևին չէր սիրում այդ մարզաձևը։ Սակայն համառորեն, ամեն ինչի դիմանալով մարզվում էր, որպեսզի հաղթահարի իր քաշվածությունը, այն ոչ լիարժեքության զգացումը, որ ուներ Պրինսթոնում սովորելու տարիներին, որպես հրեա։ Նա ներքուստ հանգիստ էր, իմանալով, որ կարող է գետին տապալել յուրաքանչյուրին, ով կփորձի վիրավորել իրեն, թեև ինքը, լինելով ի բնե խաղաղ բնավորության տեր օրինավոր մարդ, կռվում էր միայն մարզասրահում։ Նա աշխարհահռչակ Սփայդեր Քելլիի ամենալավ աշակերտն էր։ Սփայդեր Քելլին իր աշակերտներին սովորեցնում էր բռնցքամարտել ամենաթեթև քաշի ձևերով, անկախ այն բանից՝ նրանց քաշը հարյուր հինգ ֆունտ էր, թե երկու հարյուր հինգ ֆունտ։ Եվ Կոնի դեպքում դա կարծես շատ հարմար եղավ։ Նա չափազանց արագաշարժ էր և ճարպիկ։ Արդյունքը եղավ այն, որ Կոնն արժանացավ Սփայդերի հետ բռնցքամարտելու պատվին, և վերջինս մի հոյակապ հարվածով մեկընդմիշտ տափակեցրեց նրա քիթը։ Դա է՛լ ավելի սաստկացրեց բռնցքամարտի նկատմամբ Կոնի ատելությունը, սակայն և յուրատեսակ մի գոհունակություն պատճառեց նրան, ու անկասկած լավացրեց նրա քթի ձևը։ Պրինսթոնում գտնվելու վերջին տարում նա չափազանց շատ էր կարդում և սկսեց ակնոց կրել։ Չկար մեկը նրա հետ սովորողներից, որ նրան հիշեր։ Չէին հիշում նույնիսկ, որ Կոնը բռնցքամարտի միջին քաշի չեմպիոն էր եղել։

Ես միշտ թերահավատությամբ եմ վերաբերվում բոլոր պարզ և անկեղծ մարդկանց, մանավանդ, եթե նրանց իրենց մասին պատմածները շատ հավանական են թվում, ուստի միշտ կասկածում էի՝ արդյոք Ռոբերտ Կոնը եղե՞լ է բռնցքամարտի միջին քաշի չեմպիոն, թե՞ պարզապես ձիու սմբակի տակ է մնացել նրա դեմքը կամ մայրն է հղի ժամանակ ինչ֊որ բանից խիստ վախեցել և կամ էլ ինքը մանուկ հասակում ուժեղ դիպել է մի բանի։ Բայց կար մեկը, որի միջոցով կարելի էր ստուգել այդ՝ Սփայդեր Քելլին։ Սփայդեր Քելլին հիշում էր Կոնին, հիշում էր ու հաճախ մտածում, թե ինչպես դասավորվեց հետագայում նրա կյանքը։

Ռոբերտ Կոնի հայրը սերում էր Նյու֊Յորքի հրեական ամենահարուստ ընտանիքներից, իսկ մայրը՝ ամենահին ու տոհմիկ ընտանիքներից։ Զինվորական ուսումնարանում, որտեղ նա պատրաստվում էր Պրինսթոնի համալսարան ընդունվելու, և ֆուտբոլի թիմի ամենալավ եզրային խաղացողն էր, նա չուներ ռասայական որևէ նախապաշարմունք։ Մինչ Պրինսթոն գալը երբեք և ոչ ոք նրան զգացնել չէր տվել, որ նա հրեա է, որ նա ուրիշ է։ Կոնը բարի, ընկերասեր և ամաչկոտ տղա էր, և ահա այդ վերաբերմունքը ցավ էր պատճառում նրան։ Նա աշխատում էր փոխհատուցել դա բռնցքամարտում, ուստի Պրինսթոնի համալսարանն ավարտեց խոցելի ինքնասիրությամբ ու տափակած քթով, ու նաև՝ առաջին պատահած աղջիկը կարողացավ նրան իր հետ ամուսնացնել։ Ամուսնացած եղավ նա հինգ տարի, ուներ երեք երեխա, վատնեց հորից ստացած ժառանգություն ստացած հիսուն հազար դոլարի մեծ մասը, ― հոր մնացած կարողությունը մորն էր հասել, ― և հարուստ կնոջ հետ ունեցած մշտական ընտանեկան գժտությունների հետևանքով դարձավ բավական մռայլ մի անձնավորություն։ Վերջապես, երբ նա որոշեց բաժանվել կնոջից, կինն ինքն առաջինը թողեց նրան, հեռացավ մի մանրանկարչի հետ։ Նա ամիսներ շարունակ մտածում էր բաժանվել կնոջից, ու չէր անում այդ՝ կարծելով, թե կնոջն իրենից զրկելը շատ դաժան բան կլիներ, ուստի կնոջ հեռանալը միանգամայն բարենպաստ ազդեցություն ունեցավ նրա վրա։

Ամուսնալուծությունը տեղի ունեցավ, և Ռոբերտ Կոնը մեկնեց ծովափ։ Կալիֆորնիայում նա ընկավ գրական շրջանակ, և քանի որ հիսուն հազար դոլարից դեռ որոշ բան մնացել էր, սկսեց ֆինանսավորել գեղարվեստական մի ամսագիր։ Ամսագիրն սկսեց հրատարակվել Քարմելում՝ Կալիֆորնիայի նահանգում, և իր գոյությունն ավարտեց Փրովինսթաունում՝ Մասաչուսետս նահանգում։ Այդ ընթացքում Կոնը, որին համարում էին պարզապես բարի հրեշտակ և որի անունը ամսագրում երևում էր միայն վերջին էջում, խմբագրական կոլեգիայի անդամների կողքին, դարձավ ամսագրի միակ խմբագիրը։ Ամսագիրը լույս էր տեսնում նրա փողով, և այդ հրատարակության ղեկավար լինելը նրան դուր էր գալիս։ Նա շատ վշտացավ, երբ ամսագրի հրատարակելը չափազանց թանկացավ և ստիպված էր հրաժարվել այդ գործից։

Ասենք, այդ ժամանակ արդեն ուրիշ հոգսեր ուներ։ Նրան արդեն իր խնամքի տակ էր առել մի տիկին, որը հույս էր փայփայում ամսագրի միջոցով ինքն էլ նշանավոր դառնալ։ Դա ուժեղ բնավորության տեր եռանդուն տիկին էր, և Կոնն այլևս անկարող էր նրա ձեռքից դուրս պրծնել։ Ասենք նաև, որ նա համոզված էր, թե սիրում է այդ կնոջը։ Սույն տիկինը, սակայն, տեսնելով, որ ամսագրի հաջողության հետ շատ հույսեր չի լինի կապել, փոքր֊ինչ սառեց Կոնի նկատմամբ։ Միաժամանակ, տիկինը քաջ գիտակցում էր, որ պետք է գոնե եղածից օգտվել, քանի դեռ հնարավորություն կա, ուստի ստիպեց Կոնին իր հետ մեկնել Եվրոպա, ուր Կոնը պետք է զարգացներ իր գրական ձիրքը։ Նրանք մենկնեցին Եվրոպա, տիկինը մի ժամանակ այնտեղ էր կրթություն ստացել, ու մնացին այնտեղ երեք տարի։ Այդ երեք տարիների ընթացքում, որից առաջինը նրանք անցկացրին ճանապարհորդությունների մեջ, իսկ վերջին երկուսը՝ Փարիզում, Ռոբերտ Կոնը երկու ընկեր ձեռք բերեց՝ մեկը Բրեդոքսն էր, մյուսը՝ ես։ Բրեդոքսը նրա գրական ընկերն էր, իսկ ես թենիսի ընկերն էի։

Տիկինը, որի անունը Ֆրենսիս էր, Ռոբերտին նվաճելուց հետո, երկրորդ տարվա վերջում հանկարծ գլխի ընկավ, որ իր գեղեցկությունը գնալով խամրում է, և հաստատ վճիռ կայացրեց նրան այդպես անհոգ օգտագործելու փոխարեն ամուսնանալ հետը։ Այդ ժամանակ Ռոբերտի մայրն սկսել էր նրան ամսական երեք հարյուր դոլար տալ։ Վստահ եմ, որ այդ երկուսուկես տարվա ընթացքում Ռոբերտ Կոնը ուրիշ որևէ կնոջ չէր նայել։ Նա երջանիկ էր, եթե չհաշվենք, որ Եվրոպայում ապրող շատ ամերիկացիների նման կգերադասեր լինել Ամերիկայում, էլ չասած, որ իր մեջ գրողի ձիրք էր հայտնաբերել։ Գրեց մի վեպ, որը թեև այնքան էլ վատը չէր, ինչպես պնդում էին քննադատները, այնուամենայնիվ, խղճուկ ու թույլ վեպ էր։ Նա շատ էր կարդում, բրիջ ու թենիս էր խաղում ու նաև մարզվում բռնցքամարտում՝ տեղի մի մարզասրահում։

Թե Ֆրենսիսն ինչ դիրք էր բռնել Կոնի նկատմամբ, ես առաջին անգամ հասկացա, երբ մի երեկո ճաշում էինք միասին։ Ճաշեցինք «Լավընյու» ռեստորանում, հետո գնացինք սուրճ խմելու «Վերսալ» սրճարան։ Սուրճից հետո մի քանի ըմպանակ կոնյակ խմեցինք, և ես ասացի, որ պետք է գնամ։ Կոնը համոզում էր ինձ, որ կիրակի օրը մի տեղ գնանք միասին։ Նա ուզում էր դուրս գալ քաղաքից ու ոտքով շրջել։ Ես նրան առաջարկեցի թռնել Ստրասբուրգ ու այնտեղից ոտքով գնալ Սենտ֊Օդիլ կամ էլ ավելի հեռու մի տեղ՝ կտրելով Էլզասը։

― Ստրասբուրգում մի ծանոթ աղջիկ ունեմ, ― ասացի, ― նա կարող է քաղաքը մեզ ցույց տալ։

Մեկը սեղանի տակից ոտքս բոթեց։ Ինձ թվաց, թե դա պատահական էր, ուստի շարունակեցի․

― Նա արդեն երկու տարի է այնտեղ է ապրում և քաղաքը հիանալի գիտի։ Շատ հաճելի աղջիկ է։

Նորից զգացի, ինչպես ոտքս բոթեցին, և, աչքերս բարձրացնելով, տեսա Ֆրենսիսի՝ Ռոբերտի ընկերուհու պրկված ծնոտն ու քարացած դեմքը։

― Էհ, ― ասացի, ― իսկ ինչո՞ւ անպայման Ստրասբուրգ գնանք, նույն հաջողությամբ կարող ենք գնալ Բրյուգե կամ Արդեն։

Կոնի շունչը տեղը եկավ, և ինձ այլևս չբոթեցին։ Նրանց բարի գիշեր մաղթեցի ու դուրս եկա։ Կոնն ասաց, որ ուզում է լրագիր առնել և ինձ հետ կգա մինչև փողոցի անկյունը։

― Ի սեր աստծո, ― ասաց նա, ― ինչո՞ւ խոսք բացեցիք Ստրասբուրգի այդ աղջկա մասին։ Դուք չնկատեցի՞ք, թե ինչ կատարվեց Ֆրենսիսի հետ։

― Ոչ, և ինչո՞ւ պետք է նկատեի։ Ֆրենսիսի ի՞նչ գործն է, թե ես ծանոթ ամերիկուհի ունեմ Ստրասբուրգում։

― Դա նրա համար ոչ մի նշանակություն չունի։ Միևնույն է, թե ում ծանոթն է։ Եթե կա աղջիկ, ես այլևս չէի կարող գնալ։

― Կատարյալ հիմարություն։

― Դուք Ֆրենսիսին չգիտեք։ Ինչ աղջիկ ուզում է լինի, ով ուզում է լինի։ Չտեսա՞ք նրա դեմքն ինչ արտահայտություն էր ստացել։

― Լավ, ― ասացի։ ― Կգնանք Սենլիս։

― Մի բարկացեք։

― Չեմ բարկանում։ Սենլիսը հիանալի տեղ է, կարող ենք ապրել «Մեծ եղջերու» հյուրանոցում, մի լավ ման կգանք անտառներում ու կվերադառնանք տուն։

― Շատ լավ, դա հիանալի է։

― Դե, կհանդիպենք վաղը, թենիսի ժամանակ, ― ասացի ես։

― Բարի գիշեր, Ջեյք, ― ասաց նա ու դարձավ, որ վերադառնա սրճարան։

― Թերթ գնելը մոռացաք, ― ասացի ես։

― Ահ, իսկապես։ ― Նա ինձ հետ քայլեց մինչև անկյունի կրպակը։

― Դուք չեք բարկանում, չէ՞, Ջեյք, ― ասաց նա՝ թերթը ձեռքին շրջվելով։

― Ոչ, ինչո՞ւ պետք է բարկանամ։

― Կհանդիպենք թենիսահարթակում, ― ասաց նա ու թերթը ձեռքին վերադարձավ սրճարան։ Նայում էի նրա ետևից, նա ինձ դուր էր գալիս, և, երևում է, նրա կյանքն էլ հեշտ չէր Ֆրենսիսի հետ։


Գլուխ երկրորդ

Ձմռանը Ռոբերտ Կոնը իր վեպը տարավ Ամերիկա և մի խոշոր հրատարակիչ հանձն առավ այն հրատարակել։ Սույն ճանապարհորդության պատճառով, կարծեմ, Ռոբերտի և Ֆրենսիսի միջև գժտություն տեղի ունեցավ և, հավանաբար, հենց այդ ժամանակ էլ Ֆրենսիսը կորցրեց նրան, որովհետև Նյու֊Յորքում կանայք շատ ուշադիր էին եղել Կոնի նկատմամբ, և նա վերադարձել էր բոլորովին փոխված։ Նա առաջվանից ավելի էր հիանում Ամերիկայով, սակայն կորցրել էր իր պարզությունն ու անկեղծությունը և այլևս առաջվա նման հաճելի չէր։ Հրատարակիչներն այնքան էին գովել նրա վեպը, որ ինքն էլ էր հավատացել։ Բացի այդ, մի քանի կանայք այնպիսի ուշադրության էին արժանացրել նրան, որ դա նոր հորիզոններ էր բացել նրա առջև։ Չորս տարի շարունակ նրա տեսադաշտը սահմանափակված էր եղել միայն իր կնոջով։ Մոտ երեք տարի Ֆրենսիսից բացի ոչ մեկին չէր տեսել։ Համոզված եմ, որ նա կյանքում դեռ ոչ մի անգամ սիրահարված չէր եղել։

Նա ամուսնացավ համալսարանում անցկացրած ծանր տարիներից անմիջապես հետո, իր ընկճված շրջանում, իսկ Ֆրենսիսը նրան ձեռքը գցեց այն ժամանակ, երբ նրան հետապնդում էր այն միտքը, որ ինքը ոչինչ է եղել իր առաջին կնոջ համար։ Հիմա նա դեռևս սիրահարված չէր, սակայն հասկացել էր, որ ինքը կանանց համար հետաքրքիր տղամարդ էր, և որ եթե կինը հոգ է տանում նրան և ուզում է նրա հետ ապրել, դա բնավ էլ հրաշք չէ։ Այս մտքից նա այնպես փոխվեց, որ նրա ընկերակցությունն այլևս առաջվա նման հաճելի չէր ինձ համար։ Բացի այդ, Նյու֊Յորքի իր ծանոթների հետ խոշոր գումարներով բրիջ խաղալով և իր հնարավորություններից բարձր խաղագումարներ դնելով, նա կարողացել էր մի քանի հարյուր դոլար շահել։ Դա առիթ էր տվել նրան երևակայելու, թե ինքը առաջնակարգ խաղացող է և հաճախ ասում էր, որ անհրաժեշտության դեպքում կարող է շատ լավ գլուխը պահել և բրիջ խաղալով։

Բայց սա դեռ բոլորը չէ։ Նա շատ էր կարդացել Ու․ Հադսոն։ Թվում է, դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, սակայն Կոնը կարդացել էր ու նորից կարդացել «Ծիրանեգույն երկիրը»։ «Ծիրանեգույն երկիրը» շատ վտանգավոր է, եթե կարդում ես մեծ հասակում։ Այն պատմում է անթերի մի անգլիացի ջենթլմենի շքեղ սիրային արկածների մասին խիստ ռոմանտիկական մի երկրում, որի բնությունը շատ լավ է նկարագրված։ Երեսունչորս տարեկան տղամարդու համար այս գիրքը որպես կյանքի ուղեցույց ունենալը նույնքան վտանգավոր է, որքան եթե այդ նույն տարիքում ֆրանսիական վանքի դպրոցից միանգամից հայտնվես Ուոլ֊Սթրիթում՝ զինված Ալջերի գործնական խորհուրդներ տվող զանազան գրքիկներով։ Համոզված եմ, որ Կոնը «Ծիրանեգույն երկրի» յուրաքանչյուր բառ հասկանում էր տառացիորեն, ճիշտ ինչպես, եթե դա լիներ ֆինանսական տեղեկատու։ Ճիշտ է, նա որոշ վերապահումներ թույլ տալիս էր, սակայն ընդհանուր առմամբ գիրքը լուրջ էր ընդունել։ Այդքանը բավական էր նրան գործի գցելու համար։ Ես չէի էլ պատկերացնում, թե նա ինչ աստիճան էր լարվել, մինչև որ մի օր եկավ իմ աշխատանքի վայրը։

― Հելլո, Ռոբերտ, ― ասացի ես, ― եկել եք ինձ զվարճացնե՞ք։

― Հարավային Ամերիկա կուզե՞ք գնալ, Ջեյք, ― հարցրեց նա։

― Ոչ։

― Ինչո՞ւ ոչ։

― Չգիտեմ։ Երբեք ցանկություն չեմ ունեցել։ Շատ թանկ է։ Հարավամերիկացիներ ինչքան ասես կարելի է տեսնել և Փարիզում։

― Դրանք իսկական հարավամերիկացիներ չեն։

― Ինձ համար նրանք նույնիսկ չափից ավելի իսկական են։

Ես պետք է հասցնեի համաձայնեցված գնացքին տալ ամբողջ շաբաթվա թղթակցությունը, մինչդեռ գրել էի միայն կեսը։

― Ոչ մի նոր բամբասանք չե՞ք լսել, ― հարցրի ես։

― Ոչ։

― Ձեր բարձրաստիճան բարեկամներից ոչ մեկը ապահարզան չի՞ տալիս։

― Ոչ։ Լսեք, Ջեյք, եթե ես ինձ վրա վերցնեմ մեր երկուսի ծախսը, ինձ հետ Հարավային Ամերիկա կգա՞ք։

― Ինձ ինչո՞ւ եք տանում։

― Դուք խոսում եք իսպաներեն։ Եվ երկուսով ավելի ուրախ կլինի։

― Ոչ, ― ասացի, ― ինձ դուր է գալիս այս քաղաքը, իսկ ամռանը Իսպանիա եմ գնում։

― Ամբողջ կյանքում երազել եմ այդպիսի ճանապարհորդություն կատարել, ― ասաց Կոնը ու նստեց։ ― Մինչև նորից տրամադրվեմ, պատրաստվեմ, արդեն ծեր կլինեմ։

― Հիմար բաներ եք ասում, ― ասացի ես։ ― Դուք ուր ուզեք կարող եք գնալ, չէ որ շատ փող ունեք։

― Գիտեմ, բայց չեմ կարողանում տրամադրվել ու գնալ։

― Վշտանալու բան չկա, ― ասացի ես, ― բոլոր երկրները նման են կենդանի նկարների։

Բայց ես խղճում էի նրան։ Իսկապես շատ վշտացած էր։

― Չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կյանքը գնում է, ու ես չեմ կարողանում ապրել լիքը կյանքով։

― Ոչ ոք երբեք լիքը կյանքով չի ապրում, ցլամարտիկներից բացի։

― Ցլամարտիկներն ինձ չեն հետաքրքրում։ Դա նորմալ կյանք չէ։ Ես ուզում եմ գնալ Հարավային Ամերիկայի խորքերը։ Մենք կարող էինք հիանալի ճանապարհորդություն կատարել։

― Իսկ Բրիտանական Արևելյան Աֆրիկայում որս անելու ցանկություն չունե՞ք։

― Ոչ, այնտեղ գնալու ցանկություն չունեմ։

― Այնտեղ ես ձեզ հետ կգնայի։

― Ոչ, դա ինձ չի հետաքրքրում։

― Որովհետև այդ մասին ոչինչ չեք կարդացել։ Գնացեք սիրային պատմություններ կարդացեք սև, գեղեցիկ արքայադուստրերի մասին։

― Ես ուզում եմ գնալ Հարավային Ամերիկա։

Նրան հատուկ էր այդ հրեական համառությունը։

― Եկեք ցած իջնենք ու մի բան խմենք։

― Իսկ դուք չե՞ք աշխատելու։

― Ոչ, ― ասացի։

Իջանք ցած, առաջին հարկի սրճարանը։ Վաղուց արդեն հասկացել էի, որ դա «անպատեհ» այցելություններից ազատվելու լավագույն միջոցն էր։ Մի բաժակ խմեցինք թե չէ, կարող ես ասել․ «Ինչ արած, ստիպված եմ վերև բարձրանալ՝ հեռագրեր կան ուղարկելու», և վերջ։ Թերթում աշխատելու դեպքում, իսկ այդ աշխատանքի էթիկան պահանջում է, որ աշխատելիս ոչ ոք քեզ չտեսնի, չափազանց կարևոր է ազատվելու այդպիսի անբռնազբոսիկ միջոցներ գտնել։ Այդպես, ուրեմն, իջանք բար և սոդայաջրով վիսկի խմեցինք։ Կոնը նայեց պատի մոտ դրված շշերով արկղերին։

― Շատ լավ տեղ է, ― ասաց նա։

― Այո, խմելու շատ բան կա, ― համաձայնեցի ես։

― Լսեք, Ջեյք։ ― Նա գլուխը կախ գցեց վաճառասեղանի վրա։ ― Մի՞թե երբեք այնպիսի զգացում չեք ունենում, որ ձեր կյանքն անցնում է ու դուք այդ կյանքից չեք օգտվում։ Մտածո՞ւմ եք հասկանո՞ւմ եք, որ ձեր կյանքի կեսն արդեն ապրել եք։

― Այո, երբեմն մտածում եմ։

― Գիտե՞ք, որ ընդամենը մի երեսունհինգ տարի հետո մենք արդեն չենք լինի։

― Վերջ տվեք, Ռոբերտ, ― ասացի ես։ ― Չարժե խոսել։

― Ես լուրջ եմ ասում։

― Բանն այն է, որ դա ինձ բնավ չի մտահոգում, ― ասացի ես։

― Բայց պետք է մտահոգի։

― Ժամանակին մտահոգվելու շատ բան եմ ունեցել։ Բավական է։

― Եվ, այնուամենայնիվ, ես ուզում եմ Հարավային Ամերիկա մեկնել։

― Լսեք, Ռոբերտ, ուրիշ երկիր գնալը ոչինչ չի փոխում։ Ես այդ բոլորը փորձել եմ։ Տեղից տեղ գնալով չեք կարող ինքներդ ձեզնից փախչել։ Դրանից փրկություն չկա։

― Բայց դուք երբեք չեք եղել Հարավային Ամերիկայում։

― Ինչ եք գլուխներդ գցել այդ Հարավային Ամերիկան։ Եթե ձեր այս տրամադրությամբ գնաք, ոչինչ չի փոխվի։ Փարիզը շատ լավ քաղաք է։ Ինչո՞ւ չեք ուզում լիքը կյանքով ապրել Փարիզում։

― Ձանձրացել եմ Փարիզից, ձանձրացել եմ Լատինական թաղամասից։

― Մի գնացեք այնտեղ։ Ապրեք, ինչպես ուզում եք, ման եկեք որտեղ ուզում եք, ինչպես պատահի ու տեսեք, թե ինչ է լինում։

― Ինձ հետ երբեք ոչինչ չի լինում։ Մի անգամ ամբողջ գիշեր թափառեցի փողոցներում ու ոչինչ չեղավ, միայն հեծանիվով մի ոստիկան կանգնեցրեց ինձ ու պահանջեց փաստաթղթերս ցույց տալ։

― Բայց մի՞թե գեղեցիկ չէր քաղաքը գիշերով։

― Փարիզն ինձ առանձնապես չի հուզում։

― Ահա, խնդրեմ։ Ես խղճում էի Կոնին, բայց ոչնչով չէի կարող օգնել, որովհետև անմիջապես բախվում էի նրա երկու սևեռուն գաղափարներին՝ միակ փրկությունը Հարավային Ամերիկան է, և նա չի սիրում Փարիզը։ Առաջին միտքը նա կարդացել էր ինչ֊որ գրքում, թերևս՝ երկրորդը նույնպես։

― Լավ, ― ասացի, ― ստիպված եմ վերև բարձրանալ՝ հեռագրեր պետք է ուղարկեմ։

― Դուք անպայմա՞ն պետք է գնաք։

― Այո, պետք է հեռագրեր ուղարկեմ։

― Ոչի՞նչ, եթե ձեզ հետ գամ ու մի քիչ նստեմ խմբագրությունում։

― Խնդրեմ, եկեք։

Նա նստեց առաջին սենյակում, թերթեր էր կարդում և «Խմբագիր ու հրատարակիչ» ամսագրերը, իսկ ես երկու ժամ անընդհատ աշխատում էի։ Հետո դասավորեցի տպագրածս օրինակները, ստորագրեցի, այդ ամենը դրեցի մեծ դեղին ծրարների մեջ և կանչեցի թղթատարին, որ տանի Սեն֊Լազար կայարան։ Մտա մյուս սենյակ, այնտեղ մի մեծ բազկաթոռի մեջ նստած քնել էր Ռոբերտ Կոնը։ Նա քնել էր գլուխը ձեռքերին դրած։ Չէի ուզում արթնացնել, սակայն ստիպված էի փակել խմբագրությունը, որ գնամ։ Ձեռքս դրեցի ուսին։ Նա գլուխը թափահարեց։

― Ես դա չեմ կարող անել, ― ասաց նա ու գլուխն ավելի խոր թաղեց իրար խաչած ձեռքերի մեջ։ ― Չեմ կարող։ Ոչ մի դեպքում չեմ անի։

― Ռոբերտ, ― ասացի ես ու թափ տվեցի նրա ուսը։

Նա գլուխը բարձրացրեց, ժպտաց ու աչքերը ճպճպացրեց։

― Ես հիմա ինչ֊որ բա՞ն ասացի։

― Այո։ Բայց չէր հասկացվում։

― Տեր իմ, ինչ վատ երազ էր։

― Հավանաբար, իմ գրամեքենան ձեզ քնեցրեց։

― Թերևս։ Անցյալ գիշեր բոլորովին չէի քնել։

― Ի՞նչ էր պատահել։

― Խոսում էինք։

Ես դա հեշտությամբ կարող էի պատկերացնել։ Ընդհանրապես մի վատ սովորություն ունեմ՝ պատկերացնել ընկերներիս ննջարանում։ Գնացինք Նապոլիտեն» սրճարան ապերիտիվ խմելու և նայելու երեկոյան զբոսանքը Բուլվարում։


Գլուխ երրորդ

Տաք գարնանային երեկո էր, և Ռոբերտի գնալուց հետո ես դեռ նստել էի «Նապոլիտեն» սրճարանի տեռասում իմ սեղանի մոտ ու նայում էի՝ ինչպես աստիճանաբար թանձրացող մթության մեջ սկսեցին վառվել էլեկտրական լույսերը, լուսառեկլամները, կարմիր ու կանաչ առկայծել լուսաֆորները, նայում էի զբոսնող մարդկանց, իրար ետևից շարված տաքսիների կողքով չխկչխկոցով անցնող կառքերին և «հավիկներին», որ շրջում էին մեկ֊մեկ կամ զույգ֊զույգ՝ ընթրիք հայթաթելու հույսով։ Նկատեցի հաճելի արտաքինով մի կնոջ, որ անցավ սեղանիս մոտով ու դուրս եկավ փողոց, բայց նրան կորցրի իմ տեսադաշտից։ Սկսեցի նայել մեկ ուրիշին, և այդ ժամանակ նորից տեսա, որ այն առաջինը վերադառնում է։ Կինը նորից անցավ սեղանի մոտով, հայացքս հանդիպեց նրան, ու նա եկավ նստեց իմ սեղանի մոտ։ Մատուցողը շտապով մոտեցավ։

― Դու ի՞նչ ես խմելու, ― հարցրի ես։

― Պեռնո։

― Քեզ նման փոքրիկ աղջիկներին դա վնասակար է։

― Փոքրը դու ես։ Գարսոն, մի գավաթ պեռնու։

― Ինձ համար ևս։

― Դե, ― հարցրեց նա, ― ուզո՞ւմ ես ժամանակ անցկացնել։

― Անշուշտ։ Իսկ դո՞ւ։

― Տեսնենք։ Այս քաղաքում նախօրորք ոչինչ չես իմանա։

― Դու Փարիզը չե՞ս սիրում։

― Ոչ։

― Ինչո՞ւ, ուրեմն, ուրիշ տեղ չես գնում։

― Ուրիշ տեղ չկա։

― Բայց չէ՞ որ քեզ համար այստեղ լավ է։

― Լա՞վ, չգիտեմ։

Պեռնոն օշինդրօղու նմանությամբ մի կանաչավուն խմիչք է։ Եթե մեջը մի քիչ ջուր ես ավելացնում, դառնում է կաթնագույն։ Այն մատուտակի համ ունի, սկզբում տրամադրությունդ բարձրանում է, կայտառացնում, բայց հետո շատ շուտով թուլանում ես։ Մենք նստած խմում էինք, և աղջիկը շատ մռայլ էր։

Նրա դեմքին քմծիծաղի նման մի բան երևաց, ու ես հասկացա, թե նա ինչու է խուսափում ծիծաղելուց։ Բերանը փակ վիճակում բավական սիրունիկ աղջիկ էր։ Վճարեցի և փողոց դուրս եկանք։ Կառք կանչեցի, կառքը մոտեցավ մայթին։ Դանդաղ հանգիստ շարժվող կառքի մեջ հարմար տեղավորված, մենք շարժվեցինք օպերայի լայն փողոցով, որ փայլփլում էր լույսերից ու գրեթե ամայի էր, անցանք խանութների փակ դռների և լուսավորված ցուցափեղկերի մոտով։ Կառքն անցավ «Նյու Յորք հերալդ» թերթի խմբագրության կողքով, որի պատուհանը ամբողջապես ծածկված էր ժամացույցներով։

― Այսքան ժամացույց ինչի՞ համար է, ― հարցրեց նա։

― Ցույց են տալիս ժամը Ամերիկայով մեկ։

― Մի փչի։

Թեքվեցինք դեպի Ռյու դը Պիրամիդ, անցանք Ռյու դը Ռիվոլիի նեղվածքի միջով և մութ դարպասով մտանք Տյուիլրի։ Նա սեղմվեց ինձ, և ես գրկեցի նրան։ Նայեց ինձ, սպասելով համբույրի։ Ձեռքը մոտեցրեց ինձ, բայց ես ետ հրեցի նրա ձեռքը։

― Պետք չէ։

― Ինչ է, հիվա՞նդ ես։

― Այո։

― Հիմա բոլորն են հիվանդ։ Ես էլ եմ հիվանդ։

Տյուիլրիի խավարից դուրս եկանք դեպի լույս, անցանք Սենան և թեքվեցինք դեպի Rue de Saints Peres:

― Եթե հիվանդ ես, քեզ չի կարելի պեռնո խմել։

― Քեզ էլ չի կարելի։

― Ինձ համար դա նշանակություն չունի։ Կնոջ համար դա ոչ մի նշանակություն չունի։

― Անունդ ի՞նչ է։

― Ժորժետ։ Իսկ քո՞նը։

― Ջեյկոբ։

― Դա ֆլամանդական անուն է։

― Ինչպես նաև ամերիկյան։

― Դու ֆլամանդացի չես, չէ՞։

― Ոչ, ամերիկացի եմ։

― Փառք աստծո, ատում եմ ֆլամանդացիներին։

Արդեն մոտենում էինք ռեստորանին։ Ձայն տվի կառապանին, որ կանգ առնի։ Իջանք կառքից, և Ժորժետին դուր չեկավ ռեստորանի տեսքը։

― Սա մի առանձնապես լավ ռեստորան չէ։

― Ոչ, ― ասացի ես։ ― Թերևս դու կգերադասեիր ընթրել Ֆուայոյի մոտ։ Ուրեմն ինչո՞ւ կառքը բաց թողեցիր, գնայիր այնտեղ։

Ես նրան հետս վերցրի սոսկ այն պատճառով, որ հանկարծ սենտիմենտալ միտք անցավ գլխովս, թե ավելի հաճելի կլիներ ընթրել որևէ մեկի հետ։ Վաղուց արդեն ոչ մի «հավիկի» հետ չէի ընթրել և մոռացել էի, թե որքան ձանձրալի է նրանց հետ։ Մտանք ռեստորան, անցանք մադամ Լավինի սեղանի մոտով և տեղավորվեցինք մի փոքրիկ սենյակում։ Ուտելիքից Ժորժետի տրամադրությունը բարձրացավ։

― Այստեղ այնքան էլ վատ չէ, ― ասաց նա, ― իհարկե շքեղ չէ, բայց լավ են կերակրում։

― Ավելի լավ, քան Լյեժում։

― Ուզում ես ասել Բրյուսելում։

Վերցրեցինք ևս մի շիշ գինի, և Ժորժետն սկսեց կատակել։ Նա ժպտաց, ցույց տալով իր տգեղ և փչացած ատամները, ու մենք բարձրացրինք մեր ըմպանակները։

― Ասեմ, դու վատ տղա չես։ Ափսոս, որ հիվանդ ես։ Մենք իրար կհասկանայինք։ Բայց քեզ ի՞նչ է պատահել։

― Վիրավորվել եմ պատերազմի ժամանակ, ― ասացի։

― Ա՜խ, այդ զզվելի պատերազմը։

Հավանաբար արդեն պիտի անցնեինք պատերազմի մասին դատողությունների, գայինք այն եզրակացության, որ դա կործանում է քաղաքակրթությունը և որ թերևս ավելի լավ կլիներ առանց պատերազմի յոլա գնալ։ Բայց ես այլևս չէի դիմանա։ Ու հենց այդ պահին մեկը ձայն տվեց մյուս սենյակից․

― Բա՛րնս, հե՛յ Բարնս։ Ջեյքոբ Բա՛րնս։

― Իմ ընկերներից է, ― բացատրեցի և դուրս եկա։

Մի մեծ սեղանի շուրջ նստած էր Բրեդոքսը մի խումբ մարդկանց հետ։ Այնտեղ էին Կոնը, Ֆրենսիս Քլայնը, միսիս Բրեդոքսը և էլի ինչ֊որ մարդիկ, որոնց չէի ճանաչում։

― Գնա՞նք պարելու, հը, ― հարցրեց Բրեդոքսը։

― Որտե՞ղ պիտի պարենք։

― Պարասհրահում, իհարկե։ Ինչ է, չգիտե՞ք, որ մենք նորից սկսել ենք պարել, ― միջամտեց միսիս Բրեդոքսը։

― Դուք պետք է գաք, Ջեյք։ Մենք բոլորս գնում ենք, ― սեղանի մյուս ծայրից ասաց Ֆրենսիսը։ Նա նստել էր ձգված և լարված ժպտում էր։

― Իհարկե, նա գալիս է, ― ասաց Բրեդոքսը։ ― Եկեք մեզ հետ սուրճ խմենք, Բարնս։

― Լավ։

― Ու ձեր ընկերուհուն էլ բերեք, ― ծիծաղելով ասաց միսիս Բրեդոքսը։ Նա ծննդյամբ Կանադայից էր և օժտված էր կանադացիներին հատուկ անմիջականությամբ։

― Շնորհակալություն, հիմա կգանք, ― ասացի ես ու վերադարձա փոքրիկ սենյակ։

― Ովքե՞ր են քո ընկերները, ― հարցրեց Ժորժետը։

― Գրողներ և նկարիչներ։

― Այս շրջանում դրանք շա՜տ շատ են։

― Չափազանց շատ։

― Ես էլ եմ այդպես կարծում, թեև նրանց մեջ էլ կան լավ վաստակողներ։

― Այո, իհարկե։

Ընթրիքն ավարտեցինք, խմեցինք վերջացրինք գինին։

― Գնանք, ― ասացի։ ― Սուրճ նրանց հետ կխմենք։

Ժորժետը բացեց պայուսակը, հայելու մեջ նայելով թարմացրեց երեսը դիմափոշիով, շրթներկ քսեց և ուղղեց գլխարկը։

― Լավ, գնանք, ― ասաց։

Մենք մտանք մարդկանցով լի սենյակը․ Բրեդոքսը և սեղանի մոտ նստած մյուս տղամարդիկ ոտքի կանգնեցին։

― Ուզում եմ ներկայացնել ձեզ իմ հարսնացուին՝ մադմուազել Ժորժետ Լեբլանին, ― ասացի ես։

Ժորժետը ժպտաց իր հմայիչ ժպիտով, և մենք հերթով բոլորի ձեռքերը սեղմեցինք։

― Դուք պատահմամբ երգչուհի Ժորժետ Լեբլանի ազգականը չե՞ք, ― հարցրեց միսիս Բրեդոքսը։

― Connais pas,[1] ― պատասխանեց Ժորժետը։

― Բայց չէ՞ որ դուք էլ նույն անունն եք կրում, ― սիրալիր շարունակեց միսիս Բրեդոքսը։

― Ոչ, ― ասաց Ժորժետը։ ― Բնավ ոչ։ Իմ ազգանունը Հոբին է։

― Բայց միստր Բարնսը ձեզ ներկայացրեց որպես մադմաուզել Ժորժետա Լեբլան։ Նա հենց այդպես ասաց, ― շարունակում էր պնդել միսիս Բրեդոքսը, որ իր ֆրանսերեն խոսելուց հուզված, վատ էր հասկանում բառերի իմաստը։

― Նա հիմար է, ― ասաց Ժորժետը։

― Օ, ուրեմն դա կատակ էր, ― ասաց միսիս Բրեդոքսը։

― Այո, ― ասաց Ժորժետը, ― զվարճանալու համար։

― Լսո՞ւմ ես, Հենրի, ― սեղանի մի ծայրից մյուսը ձայն տվեց ամուսնուն միսիս Բրեդոքսը, ― միստր Բարնսը իր հարսնացուին ներկայացրեց որպես մադմաուզել Լեբլան, մինչդեռ իրականում նրա ազգանունը Հոբին է։

― Իհարկե, սիրելիս։ Մադմաուզել Հոբին, ես նրան վաղուց եմ ճանաչում։

― Օ, մադմաուզել Հոբին, ― ասաց Ֆրենսիս Քլայնը, ― ֆրանսերեն շատ արագ և վարժ խոսելով, որն ի տարբերություն միսիս Բրեդոքսի, ոչ զարմանում էր, ոչ էլ հպարտանում իր ֆրանսերենով, ― ասացեք, դուք վաղո՞ւց եք Փարիզում։ Ձեզ այստեղ դո՞ւր է գալիս։ Դուք սիրում եք Փարիզն, այնպես չէ՞։

― Սա ո՞վ է, ― դարձավ ինձ Ժորժետը։ ― Պե՞տք է, որ սրա հետ խոսեմ։

Նա երեսը դարձրեց դեպի Ֆրենսիսը, որը նստած էր ժպիտը դեմքին, ձեռքերը ծալած, գլուխը երկար պարանոցին ուղիղ պահած և շրթունքները խոսելու պատրաստ։

― Ոչ, ես Փարիզը չեմ սիրում։ Այստեղ թանկ է, կեղտոտ։

― Ի՞նչ եք ասում։ Իսկ ես կարծում եմ, որ Փարիզը չափազանց մաքուր քաղաք է։ Եվրոպայի ամենամաքուր քաղաքներից մեկն է։

― Իսկ իմ կարծիքով կեղտոտ է։

― Տարօրինակ է։ Հավանաբար դուք վաղուց չէ, որ այստեղ եք ապրում։

― Բավական երկար ժամանակ է։

― Բայց այստեղ մարդիկ շատ լավն են։ Կարծում եմ, դա արդեն չեք կարող չընդունել։

Ժորժետը դարձավ ինձ։

― Ա՜յ թե ընկերներ ունես։

Ֆրենսիսը մի փոքր հարբած էր և անշուշտ դեռ կուզենար շարունակել այդ նույն ոգով, բայց սուրճ մատուցեցին և մոտեցավ Լավինը լիքյորներով, իսկ հետո բոլորս դուրս եկանք և շարժվեցինք դեպի Բրեդոքսների ասած պարասրահը։

Պարզվեց դա մի «Bal Musette»[2] էր։ Montagne Sainte Genevieve փողոցում։ Շաբաթական հինգ օր երեկոներն այստեղ պարում էին Պանթեոնի շրջանի բանվորները, իսկ շաբաթը մի երեկո այն դառնում էր ազատ պարասրահ։ Երկուշաբթի երեկո պարասրահը փակ էր։ Երբ մենք եկանք, դռան մոտ նստած ոստիկանից, պարասրահի տիրոջից ցինկապատ վաճառասեղանի ետև կանգնած նրա կնոջից բացի, այնտեղ մարդ չկար։ Մեր ներս մտնելուն պես, վերևի հարկից իջավ տանտիրոջ աղջիկը։ Սենյակում սեղաններ և երկար նստարաններ էին դրված, իսկ հեռու, այդ մեծ սրահի ծայրին պարի հարթակն էր։

― Ափսոս, որ այսպես ուշ են հավաքվում, ― ասաց Բրիդոքսը։

Տանտիրոջ աղջիկը մոտեցավ մեզ և հարցրեց, թե ինչ կկամենայինք խմել։ Ինքը, պարասրահի տերը նստեց պարահարթակի մոտ դրված բարձր աթոռին և սկսեց ակորդեոն նվագել։ Նրա ոտքի կոճին մի շարան զանգակներ էին կախված, և նվագելիս նա ոտքով խփում էր տակտը։ Բոլորս գնացինք պարելու։ Շոգ էր, և մեր տեղերը վերադարձանք քրտնած։

― Աստված իմ, ― ասաց Ժորժետը, ― քրտինքի մեջ կորած եմ։

― Շոգ է։

― Շատ շոգ է, տեր աստված։

― Գլխարկդ հանիր։

― Այո, լավ ասացիք։

Ինչ֊որ մեկը Ժորժետին հրավիրեց պարելու, և ես մոտեցա վաճառասեղանին։ Իսկապես շատ շոգ էր, ու ակորդեոնի ձայնը հաճելի էր հնչում իրիկնային այդ տաքության մեջ։ Դռան մոտ կանգնած, մի գավաթ գարեջուր խմեցի, վայելելով փողոցից փչող զովի շունչը։ Դիք փողոցով իջնում էին երկու տաքսի։ Երկուսն էլ կանգ առան պարասրահի մոտ։ Մի խումբ երիտասարդներ իջան տաքսիներից՝ ոմանք ջեմպրներով, ոմանք պարզապես առանց բաճկոնների։ Դռնից սփռվող լույսի տակ տեսա նրանց ձեռքերն ու նոր լվացած, գանգրացրած մազերը։ Դռան մոտ կանգնած ոստիկանը նայեց ինձ և ժպտաց։ Նրանք ներս մտան։ Ներս մտան աշխույժ խոսելով, ձեռքերը թափահարելով, ծամածռվելով, և արդեն պայծառ լույսի տակ ես տեսա սպիտակ ձեռներ, գանգրացրած մազեր, սպիտակ դեմքեր։ Նրանց հետ էր Բրեթը։ Նա շատ գեղեցիկ էր, և երևում էր, որ իրեն լավ է զգում այդ խմբում։

Երիտասարդներից մեկը նկատեց Ժորժետին և ասաց․

― Կարող եմ վստահ ասել՝ սա իսկական պոռնիկ է։ Հիմա ես նրա հետ կպարեմ։ Լեթ, կարող ես հիանալ ինձնով։

Բարձրահասակ, սևահեր տղան, որին Լեթ էին կոչում, ասաց․

― Հիմարություն մի անիր, խնդրում եմ։

Շեկ, գանգուր մազերով տղան պատասխանեց․

― Մի անհանգստացիր, սիրելիս։ ― Եվ նրանց հետ էր Բրեթը։

Սոսկալի զայրացած էի։ Նրանք միշտ ինձ զայրույթ էին պատճառում։ Գիտեմ, հասկանում եմ, որ նրանք ծիծաղելի, զվարճալի են համարում, որ նրանց նկատմամբ պետք է զիջողամիտ, հանդուրժող լինել, սակայն ուզում էի հարվածել նրանցից որևէ մեկին, միևնույն է թե ում, միայն թե ջարդեի դրանց այդ կոտրատվող անպատկառությունը։ Մինչդեռ դրա փոխարեն, դուրս եկա փողոց ու մի գավաթ գարեջուր խմեցի կողքի պարասրահի բարում։ Գարեջուրը լավը չէր, վրայից կոնյակ խմեցի, որը պարզվեց գարեջրից էլ վատն էր։ Երբ վերադարձա, պարահարթակում արդեն շատ զույգեր էին և Ժորժետն էլ պարում էր բարձրահասակ, շիկահեր տղայի հետ, որը պարում էր ազդրերը շեշտված օրորելով, գլուխը կողքի թեքած, աչքերը ճակատին թռցրած։ Հենց երաժշտությունը լռեց, մի ուրիշը հրավիրեց Ժորժետին։ Նրանք նրան իրենց խմբի մեջ առան։ Ինձ համար պարզ էր, որ հիմա բոլորը պարելու էին նրա հետ։ Նրանք միշտ այդպես են անում։

Նստեցի սեղանի մոտ։ Այդ սեղանի մոտ էր նստած նաև Կոնը։ Ֆրենսիսը պարում էր։ Միսիս Բրեդոքսը բերեց ինչ֊որ մեկին և ներկայացրեց մեզ որպես Ռոբերտ Փրենթիսի։ Պարզվեց, որ նա Չիկագոյից էր, ապրում էր Նյու֊Յորքում և կարծես հեռանկար ունեցող վիպասան էր։ Խոսում էր թեթևակի անգլիական առոգանությամբ։ Խմելու բան առաջարկեցի նրան։

― Շնորհակալ եմ, ― ասաց նա, ― հենց նոր եմ խմել։

― Էհ, մի գավաթ ևս կարելի է։

― Շնորհակալություն կխմեմ։

Կանչեցինք տանտիրոջ աղջկան, և նա ամեն մեկիս համար fine a l'eay[3] բերեց։

― Ինձ ասացին, որ դուք Քանզաս֊Սիթիից եք, ― ասաց նա։

― Այո։

― Ձեր կարծիքով Փարիզը ուրա՞խ քաղաք է։

― Այո։

― Իսկապե՞ս։

Ես մի քիչ հարբած էի։ Ոչ թե կատարյալ հարբած, բայց և միաժամանակ հարբած այնքան, որ կարող էի չքաշվել։

― Ի սերն աստծու, իհարկե, իսկապես, ― ասացի ես։ ― Դուք մի՞թե այդ կարծիքին չեք։

― Օհ, ինչ հրաշալի եք զայրանում, ― ասաց նա։ ― Երանի թե ես էլ այդ շնորհքն ունենայի։

Վեր կացա և քայլեցի դեպի պարողները։ Միսիս Բրեդոքսը հետևեց ինձ։

― Ռոբերտի վրա մի զայրացեք, ― ասաց նա, ― նա դեռ երեխա է։

― Զայրանալը չեմ զայրանում, ― ասացի ես։ ― Բայց ինձ թվաց, թե կարող եմ հետ տալ։

― Ձեր հարսնացուն մեծ հաջողություն ունի։ ― Միսիս Բրեդոքսը նայում էր Ժորժետին, որն արդեն պտտվում էր Լեթ անունով բարձրահասակ սևահեր տղայի գրկում։

― Իսկապե՞ս, ― ասացի։

― Իհարկե, ― ասաց միսիս Բրեդոքսը։

Մոտեցավ Կոնը։

― Ջեյք, ― ասաց նա, ― գնանք մի բան խմենք։ ― Քայլեցինք դեպի վաճառասեղանը։ ― Ձեզ ի՞նչ է պատահել։ Այնպիսի տեսք ունեք, ասես մի բանից վշտացած եք։

― Ամենևին։ Պարզապես սիրտս խառնում է այս ամենից։

Վաճառասեղանին մոտեցավ Բրեթը։

― Հելլո, տղաներ։

― Հելլո, Բրեթ, ― ասացի ես։ ― Ինչո՞ւ հարբած չես։

― Այլևս երբեք չեմ հարբելու։ Սոդայով կոնյակ տվեք մարդուն։

Նա կանգնած էր բաժակը ձեռքին, և ես տեսնում էի, թե ինչպես էր նրան նայում Ռոբերտ Կոնը։ Այդպես, հավանաբար նայում էր նրա հայրենակիցը, երբ տեսավ ավետյաց երկիրը։ Կոնն, անշուշտ, շատ ավելի երիտասարդ էր։ Բայց նրա հայացքն էլ արտահայտում էր նույն անհամբեր, թախանձական սպասումը։

Բրեթը՝ մազերը տղայի կարճ սանրվածքով կտրած, փակ ջեմպրով, մահուդե շրջազգեստով, արտակարգ հետաքրքիր էր։ Այդ պահից էլ հենց սկսվեց ամեն ինչ։ Մարմնաձևի ձիգ կլորությունը հիշեցնում էր մրցալողի զբոսանավի մարմին, և բրդյա ջեմպրը չէր թաքցնում այդ կորագծերից ոչ մեկը։

― Հրաշալի շրջապատում եք, Բրեթ, ― ասացի։

― Իսկապես հոյակապ են, չէ՞։ Իսկ դուք, սիրելիս։ Դո՞ւք որտեղից եք գտել դրան։

― «Նապոլիտեն» սրճարանից։

― Եվ լա՞վ եք անցկացրել երեկոն։

― Սքանչելի, ― ասացի։

Բրեթը ծիծաղեց։

― Ձեր արածը լավ բան չէ, Ջեյք։ Պարզապես վիրավորում եք մեզ։ Տեսնում եք, այստեղ են Ֆրենսիսն ու Ջոն։

Դա հատկապես Կոնի համար էր։

― Ճարահատյալ սրան եք գտել, ― ասաց Բրեթը։ Նա նորից ծիծաղեց։

― Դուք զարմանալի սթափ եք, ― ասացի ես։

― Այո։ Զարմանալի է, չէ՞։ Իսկ այսօրվա իմ շրջապատում կարող էի շատ հանգիստ խմել։

Հնչեց երաժշտությունը, և Ռոբերտ Կոնն ասաց․

― Այս պարն ինձ հետ կպարե՞ք, լեդի Բրեթ։

Բրեթը ժպտաց նրան։

― Ես այս պարը խոստացել եմ Ջեյքոբին։ ― Նա ծիծաղեց։ ― Ջեյք, դուք սոսկալի հնամոլ անուն ունեք։

― Իսկ հաջո՞րդ պարը, ― շարունակեց Կոնը։

― Մենք հիմա գնալու ենք, ― ասաց Բրեթը։ ― Պայմանավորվել ենք լինել Մոնմարթրում։

Պարելիս ես Բրեթի ուսի վրայով նայեցի ու տեսա ինչպես Կոնը բարի մոտ կանգնած շարունակում է նույն հայացքով նայել Բրեթին։

― Եվս մի զոհ, ― ասացի։

― Օհ, էլ մի ասեք։ Խեղճ տղա։ Ես ինքս էլ նոր նկատեցի։

― Լավ, լավ, ― ասացի։ ― Չէ որ ձեզ դուր է գալիս ավելացնել դրանց թիվը։

― Հիմար բաներ մի խոսեք։

― Բայց քեզ դուր է գալիս։

― Թեկուզ և այդպես, հետո ի՞նչ։

― Ոչինչ, ― ասացի ես։

Մենք պարում էինք ակորդեոնի նվագակցությամբ, իսկ հետո ինչ֊որ մեկն սկսեց բանջո նվագել։ Շոգ էր, բայց ես ինձ լավ էի զգում։ Պարելով քիչ էր մնում դիպչեինք Ժորժետին, որն արդեն պարում էր այդ խմբից մի ուրիշ տղայի հետ։

― Ինչը ստիպեց ձեզ նրան այստեղ բերել։

― Չգիտեմ, բերեցի հենց այնպես։

― Ռոմանտիկա՞ն է քեզ խեղդում։

― Ոչ, ձանձրույթը։

― Հիմա՞ էլ։

― Հիմա՝ ոչ։

― Դուրս գնանք այստեղից։ Այդ աղջկա մասին այստեղ հոգ կտանեն, մի անհանգստացիր։

― Դու իսկապե՞ս ուզում ես։

― Եթե ասում եմ, ուրեմն ուզում եմ։

Դուրս եկանք պարահարթակից, վերցրի վերարկուս կախիչի վրայից, հագա։ Բրեթը կանգնած էր բարի մոտ։ Կոնն ինչ֊որ բան էր ասում նրան։ Մոտեցա բարին և ծրար խնդրեցի։ Գրպանիցս հանեցի հիսուն ֆրանկանոց մի թղթադրամ, դրեցի ծրարի մեջ և փակեցի, ապա ծրարը մեկնեցի տիրուհուն։

― Եթե ինձ հետ եկած աղջիկը հարցնի ինձ, խնդրում եմ այս ծրարը տաք նրան, ― ասացի։ ― Իսկ եթե նա այս ջենթլմեններից մեկնումեկի հետ գնա, բարի եղեք պահել այն ինձ համար։

― C' est entendu monsieur,[4] ― ասաց տիրուհին։ ― Դուք արդեն գնո՞ւմ եք, այսքան վա՞ղ։

― Այո, ― ասացի։

Քայլեցինք դեպի դուռը։ Կոնը դեռ էլի ինչ֊որ բան էր ասում Բրեթին։ Բրեթը նրան հրաժեշտ տվեց և թևանցուկ արեց ինձ։

― Բարի գիշեր, Կոն, ― ասացի ես։

Փողոց դուրս գալով, սկսեցինք տաքսի որոնել։

― Ձեր հիսուն ֆրանկը հաշվեք կորած, ― ասաց Բրեթը։

― Օհ, այո։

― Եվ տաքսի էլ չկա։

― Կարող ենք քայլել մինչև Պանթեոն և այնտեղ տաքսի նստել։

― Մտնենք կողքի բարը, մի֊մի բաժակ կխմենք ու հենց այնտեղից էլ տաքսի կպատվիրենք։

― Ծուլանում ես նույնիսկ փողոցը կտրել։

― Այո, եթե դրա անհրաժեշտությունը չկա։

Մտանք մոտակա բար և մատուցողին ուղարկեցի տաքսի բերելու։

― Դե, ― ասացի ես, ― վերջապես ազատվեցինք նրանցից։

Կանգնած էինք բարձր, ցինկապատ վաճառասեղանի մոտ և լուռ նայում էինք իրար։ Մատուցողը վերադարձավ և ասաց, որ տաքսին սպասում է։ Բրեթն ամուր սեղմեց ձեռքս։ Մատուցողին մի ֆրանկ տվեցի ու դուրս եկանք բարից։

― Ո՞ւր գնա, ― հարցրի ես։

― Թող ուր ուզում է գնա։

Վարորդին ասացի, որ գնա Մոնսուրի զբոսայգի, նստեցի մեքենա և դուռը փակեցի։ Բրեթը սեղմվել էր մի անկյունում, աչքերը փակ։ Նստեցի նրա կողքին։ Մեքենան տեղից պոկվեց և շարժվեց։

― Ախ, սիրելիս, ես այնքան դժբախտ եմ, ― ասաց Բրեթը։


Գլուխ չորրորդ

Մեքենան բարձրացավ դիքը, կտրեց անցավ լուսավորված հրապարակը, հետո նորից բարձրացավ, հետո իջավ դեպի Սենտ֊Էտյեն Դյու Մոն եկեղեցու ետևում գտնվող մութ փողոցը, ապա ասֆալտի վրա հանգիստ շարժվելով անցավ ծառերի և Քոնրեսքարփ հրապարակում գտնվող ավտոկանգառի մոտով և թեքվեց դեպի Մուֆտար փողոցի գետաքարե սալահատակը։ Փողոցի երկու կողմերում լուսավորված էին բարերի պատուհանները և ուշ փակվող խանութների ցուցափեղկերը։ Նստել էինք իրարից հեռու, բայց երբ շարժվեցինք հին ու քարքարոտ փողոցով, մեքենան հանկարծակի ցնցվեց, և մենք հայտնվեցինք գրեթե միմյանց գրկում։ Բրեթը հանել էր գլխարկը։ Գլուխը ետ էր գցել։ Նրա դեմքը տեսնում էի խանութների ցուցափեղկերից ընկնող լույսի տակ, հետո նորից մթնեց, և երբ վերջապես մտանք Դը Գոբելեն փողոցը, նոր միայն պարզորոշ տեսա դեմքը։ Փողոցը քարուքանդ վիճակում էր, և մարդիկ ացետիլենե լապտերների լույսի տակ աշխատում էին տրամվայի գծերի վրա։ Բրեթի սպիտակ դեմքն ու պարանոցի երկար գիծը պարզ երևում էին այդ լապտերների պայծառ լույսի տակ։ Երբ նորից մթնեց, համբուրեցի նրան։ Իմ շուրթերն ամուր հպվեցին նրա շուրթերին, հետո նա երեսը թեքեց ու քաշվեց, նստեց մյուս ծայրը, որքան կարելի է ինձնից հեռու, գլուխը կախ։

― Ինձ չդիպչես, ― ասաց նա։ ― Խնդրում եմ, ինձ չդիպչես։

― Ի՞նչ է պատահել։

― Ես դրան չեմ դիմանում։

― Օհ, Բրեթ։

― Դու այդ չպետք է անես։ Դու գիտես։ Ես չեմ կարող, ես պարզապես չեմ կարող դրան դիմանալ։ Օհ, սիրելիս, խնդրում եմ հասկացիր ինձ։

― Դու ինձ չե՞ս սիրում։

― Չե՞մ սիրում։ Քե՞զ։ Բավական է ինձ դիպչես, հալվում եմ։

― Մի՞թե ոչինչ չի կարելի անել։

Հիմա նա նստել էր շտկված։ Գրկեցի մեջքը, նա հենվեց ինձ, և մենք միանգամայն հանգիստ էինք։ Նա նայում էր աչքերիս մեջ այնպես, ինչպես նա գիտեր նայել, այնքան, մինչև սկսում էր թվալ, թե դա նրա աչքերը չեն արդեն։ Նրա աչքերը նայում էին, նայում այնքան, ինչքան որևէ այլ աչքեր աշխարհում չէին կարող նայել։ Նա նայում էր այնպես, ասես աշխարհում չկար այնպիսի մի բան, որին չհամարձակվեր նայել, մինչդեռ իրականում նա կյանքում շատ ու շատ բաներից էր վախենում։

― Պարզապես չեմ կարող չտեսնել։

Հիմա մենք նստած էինք որպես երկու օտարներ։ Աջ կողմում Մոնսուրի զբոսայգին էր։ Ռեստորանը, որի ջրավազանում կենդանի իշխան էր լինում, և որտեղ կարող էիր նստել ու հիանալ զբոսայգով, փակ էր ու մութ։ Վարորդը դարձավ մեզ։

― Ո՞ւր ես ուզում գնանք, ― հարցրի ես։

Բրեթը հայացքը շրջեց։

― Թող գնա «Սելեքտ» սրճարան։

― «Սելեքտ» սրճարան, ― ասացի վարորդին։ ― Մոնպարնաս բուլվարում։

Շարունակեցինք ճանապարհը, շրջանցեցինք Lion de Belfort,[5] որ հսկում է Մոնրուժի տրամվայի գիծը։ Բրեթը նայում էր ուղիղ իր առջև։ Ռասպայ բուլվարում, երբ արդեն սկսել էին երևալ Մոնպարռնասի լույսերը, Բրեթն ասաց․

― Քեզ մի բան պիտի խնդրեմ։ Միայն թե չջղայնանաս։

― Հիմար բաներ ես ասում։

― Մինչև դուրս կգանք մեքենայից, մի անգամ էլ ինձ համբուրիր։

Երբ տաքսին կանգ առավ, ես դուրս եկա և վճարեցի։ Գլխարկը դնելով՝ Բրեթը դուրս եկավ։ Իջնելիս, նա հենվել էր իմ ձեռքին։ Նրա ձեռքը դողում էր։

― Շա՞տ թափթփված տեսք ունեմ։ ― Նա ճակատին քաշեց տղամարդու իր ֆետրե գլխարկն ու մտավ սրճարան։ Բարի մոտ և սեղանների շուրջ նստած էր գրեթե ողջ այն խումբը, որ պարասրահում էր։

― Հելլո, տղաներ, ― ասաց Բրեթը։ ― Խմել եմ ուզում։

― Օհ, Բրեթ, Բրեթ, ― կարճլիկ հույն դիմանկարիչը, որն իրեն դուքս էր կոչում, և որին բոլորը կոչում էին Զիզի, նետվեց Բրեթին ընդառաջ։ ― Օ, ես ձեզ լավ բան ունեմ ասելու։

― Հելլո, Զիզի, ― ասաց Բրեթը։

― Ես ձեզ կծանոթացնեմ ընկերոջս հետ, ― ասաց Զիզին։

Մոտեցավ մի գեր տղամարդ։

― Կոմս Միպպիպոպուլո, իմ բարեկամ լեդի Էշլի։

― Ինչպե՞ս եք, կոմս, ― հարցրեց Բրեթը։

― Արդյոք լեդին ժամանակը լա՞վ է անցկացնում Փարիզում, ― հարցրեց Կոմսը։ Նրա ժամացույցի շղթայից որնզդեղնի ժանիք էր կախված։

― Ոչինչ, ― ասաց Բրեթը։

― Փարիզը հիանալի քաղաք է, ― ասաց կոմսը։ ― Բայց կարծում եմ, որ Լոնդոնում էլ դուք չեք տխրում։

― Իհարկե, ― ասաց Բրեթը, ― չափազանց ուրախ է։

Բրեդոքսը կանչեց ինձ իրենց սեղանի մոտ։

― Բարնս, ― ասաց նա, ― խմեք մեզ հետ։ ― Քո այդ աղջկա պատճառով մեծ աղմուկ բարձրացավ։

― Ինչո՞ւ։

― Տանտիրոջ աղջիկը ինչ֊որ բան ասաց նրա մասին։ Սոսկալի աղմուկ բարձրացավ։ Բայց նա բնավ իրեն չկորցրեց։ Ցույց տվեց իր դեղին գրքույկն ու պահանջեց, որ տանտիրոջ աղջիկն էլ իր գրքույկը ցույց տա։ Ի՛նչ կռիվ էր։

― Եվ ինչո՞վ վերջացավ։

― Ինչ֊որ մեկը նրան տարավ։ Շատ սիրունիկն էր։ Հիանալի տիրապետում էր փարիզյան ժարգոնին։ Նստիրմ արի մի֊մի գավաթ խմենք։

― Ոչ, ― ասացի։ ― Արդեն պետք է գնամ։ Կոնին չե՞ք տեսել։

― Նա Ֆրենսիսի հետ տուն գնաց, ― միջամտեց միսիս Բրեդոքսը։

― Խե՜ղճ տղա, այնքան ընկճված տեսք ուներ, ― ասաց Բրեդոքսը։

― Այո, այո, ― հաստատեց միսիս Բրեդոքսը։

― Ես պետք է գնամ, ― ասացի ես։ ― Բարի գիշեր։

Բրեթին բարի գիշեր մաղթեցի բարի մոտ։ Կոմսը շամպայն էր պատվիրում։

― Միգուցե մեզ հետ մի գավաթ գինի՞ կխմեիք, սըր, ― հարցրեց նա։

― Ոչ։ Խորապես շնորհակալ եմ։ Ես պետք է գնամ։

― Դուք իսկապե՞ս գնում եք, ― հարցրեց Բրեթը։

― Այո, ― ասացի։ ― Գլուխս սարսափելի ցավում է։

― Վաղը քեզ կտեսնե՞մ։

― Արի խմբագրություն։

― Հազիվ թե գամ։

― Այն դեպքում՝ որտե՞ղ։

― Ժամը հինգի մոտ, որտեղ կուզես։

― Հանդիպենք քաղաքի մյուս մասում։

― Լավ, ժամը հինգին կլինեմ «Քրիյոնում»։

― Աշխատիր անպայման գալ, ― ասացի ես։

― Ինչու ես անհանգստանում, ― ասաց Բրեթը, ― ես քեզ երբևէ խաբե՞լ եմ։

― Մայքլից ի՞նչ կա։

― Այսօր նամակ ստացա։

Դուրս եկա փողոց և քայլեցի դեպի Սեն֊Միշել բուլվար, անցա «Ռոտոնդ» սրճարանի դեռ մարդաշատ սեղանիկների մոտով, նայեցի փողոցի մյուս կողմում գտնվող «Դոմ» սրճարանին, որի սեղանիկներն արդեն գրավել էին ամբողջ մայթը։ Ինչ֊որ մեկն այդ սեղանիկների մոտից ինձ ձեռքով արեց, չտեսա ով էր, և շարունակեցի ճանապարհս։ Ուզում էի տուն հասնել։ Մոնպարռնաս բուլվարն ամայի էր։ Լավին ռեստորանն արդեն փակ էր, իսկ «Քլոզերի դը Լիլա» ռեստորանի առջև արդեն հավաքում էին սեղանները։ Անցա Նեյի արձանի մոտով, որ կանգնած էր շագանակենիների կանաչ տերևների մեջ, աղեղնավոր լամպերի լույսով լուսավորված։ Պատվանդանի մոտ դրված էր թառամած կարմիր ծաղկեպսակ։ Կանգ առա և կարդացի ժապավենի վրայի մակագրությունը՝ բոնապարտիստական խմբերից էր, և ամսաթիվն էլ կար, որը չեմ հիշում։ Հոյակապ էր այդ մարշալ Նեյն իր բոտֆորտներով, սուրը թափահարելով շագանակների թարմ, կանաչ տերևների մեջ։ Ես ապրում էի հենց դիմացը, Սեն֊Միշել բուլվարի սկզբում։

Դռնապանի սենյակում լույսը վառվում էր, դուռը բախեցի, և նա տվեց ինձ իմ թղթակցությունը։ Բարի գիշեր մաղթեցի այդ կնոջն ու բարձրացա վերև։ Երկու նամակ էր և մի քանի լրագիր։ Դրանք աչքի անցկացրի ճաշասենյակում գազե լապտերի լույսով։ Նամակներն Ամերիկայից էին։ Մեկը բանկային հաշիվ էր։ Մնացել էր 2432 դոլար և 60 ցենտ։ Վերցրի չեկի գրքույկս, հանեցի վերջին չորս չեկերի գումարը, որ դուրս էի գրել այդ հաշվից հետո, և հաշվեցի, որ մնացորդը կազմում է 1832 դոլար 60 ցենտ։ Այդ գումարը գրեցի նամակի հակառակ երեսին։ Մյուս նամակը ամուսնության ծանուցում էր։ Միստր և միսիս Ալոիզիուս Քիրբիները հայտնում էին իրենց դստեր՝ Քեթրինի ամուսնության մասին։ Ես չէի ճանաչում ոչ այդ աղջկան, ոչ էլ նրան, ու հետ ամուսնանում էր։ Հավանաբար նրանք այդպիսի ծանուցագրեր տարածել էին քաղաքով մեկ։ Ծիծաղելի անուն էր։ Վստահ եմ, որ եթե Ալոիզիուս անունով մեկին ճանաչեի, չէի կարող մոռանալ։ Լավ կաթոլիկական անուն էր։ Ծանուցագրի վրա զինանշան կար։ Ինչպես Զիզին՝ հույն դուքս։ Եվ կոմսը։ Կոմսն էլ ծիծաղելի էր։ Բրեթն էլ՝ լեդի Էշլի։ Գրողի ծոցը Բրեթը։ Գրողի ծոցը լեդի Էշլին։

Վառեցի մահճակալիս մոտի լամպը, հանգցրի գազը ճաշասենյակում ու բացեցի ննջարանի լայն պատուհանները։ Մահճակալս պատուհանից հեռու էր, նստել էի մահճակալի մոտ և այդպես, պատուհանը բաց, հանվում էի։ Գիշերային գնացքը, որ բանջարեղեն էր տանում շուկաները, անցավ տրամվայի գծերով։ Այդ գնացքները, հատկապես դղրդում են գիշերները, երբ չես կարողանում քնել։ Հանվելով, նայում էի ինձ մահճակալի մոտ դրված զգեստապահարանի հայելու մեջ։ Իրերը դասավորված էին իսկական ֆրանսիական ձևով։ Թերևս, հարմար է։ Պե՞տք էր, որ ես հենց այս ձևով վիրավորվեի․․․ Իսկապես որ ծիծաղելի է։ Հագա պիժամաս ու անկողին մտա։ Սպորտային երկու ամսագիր ունեի, հանեցի դրանք իրենց փաթեթներից։ Մեկը նարնջագույն էր, մյուսը՝ դեղին։ Հավանաբար երկուսի մեջ էլ նույն հաղորդագրությունները կլինեն, ուստի որն էլ առաջինը կարդամ, մյուսը չեմ ուզենալու կարդալ։ «Լը Տորիլ»֊ն ավելի լավն է, սկսեցի այդ ամսագիրը կարդալ։ Կարդացի ծայրից ծայր, նույնիսկ խմբագրությանն ուղղված նամակներն ու հանելուկ֊կատակները։ Հանգցրի լամպը։ Միգուցե հաջողվի քնել։

Սակայն ուղեղս չէր հանգստանում։ Հին ցավն էր։ Այո, անհեթեթ բան էր հենց այդպես վիրավորվել, և այն էլ իտալական ռազմաճակատի նման սուտ ռազմաճակատից փախչելիս։ Իտալական հոսպիտալում մենք ուզում էինք այդպիսի ընկերություն հիմնել։ Իտալերեն դրա անունը շատ ծիծաղելի էր հնչում։ Հետաքրքիր է, ինչ եղան մյուսները, իտալացիները։ Դա Միլանի գլխավոր հոսպիտալում էր, Պոնտե առանձնաշենքում։ Իսկ կողքին Զոնդե առանձնաշենքն էր։ Հոսպիտալի առաջ Պոնտեի արձանն էր կամ գուցե Զոնդեի։ Այդտեղ էր, որ ինձ այցելեց գնդապետը։ Ծիծաղելի էր։ Առաջին անգամ այդ առիթով։ Ես ամբողջովին վիրակապված էի։ Բայց նրան այդ մասին արդեն ասել էին։ Եվ այդտեղ նա արտասանեց իր հիանալի ճառը։ «Դուք, լինելով օտարերկրացի, անգլիացի (բոլոր օտարերկրացիները անգլիացի էին համարվում), ձեր կյանքից ավելի թանկ բան եք զոհել»։ Ի՜նչ ճառ։ Վատ չէր լինի այն լուսավորվող տառերով գրել ու կախել իմ խմբագրությունում։ Եվ նա բնավ կատակ չէր անում։ Հավանաբար նա իրեն իմ տեղն էր դրել։ «Che mala fortuna»![6]

Առաջ ես երբեք չէի մտածում այդ մասին։ Հիմա էլ փորձում եմ հաշտվել և դա հոգս չդարձնել իմ շրջապատի համար։ Հավանաբար այդ բանն ինձ երբեք էլ չխանգարեր, եթե, երբ ինձ Անգլիա ուղարկեցին, չհանդիպեի Բրեթին։ Կարծում եմ, նա ուզում էր անկարելին։ Մարդիկ բոլորն են այդպես։ Էհ, գրողի ծոցը։ Կաթոլիկական եկեղեցին հիանալի օգնում է նման դեպքերում։ Համենայն դեպս, միշտ կարող է լավ խորհուրդ տալ․ այդ մասին չպետք է մտածել։ Հիանալի խորհուրդ է։ Բայց մի փորձիր հետևել այդ խորհրդին։ Փորձիր։

Պառկած էի անքուն և մտածում էի, միտքս մի բանից մյուսն էր թռչում։ Հետո արդեն չէի կարողանում ազատվել այդ մտքից, ուստի սկսեցի մտածել Բրեթի մասին, և իսկույն մտքերս դադարեցին մի բանից մյուսը թռչել ու ասես մեղմ լողացին ալիք֊ալիք։ Մեկ էլ, ինձ համար անսպասելի, լաց եղա։ Հետո, քիչ անց, մի փոքր թեթևացած պառկած էի անկողնում ու ականջ էի դնում տան կողքից փողոցով անցնող ծանր վագոններին, իսկ հետո քնեցի։

Հանկարծ արթնացա։ Դրսից աղմուկ էր լսվում։ Ականջ դրեցի, ու ինձ թվաց, թե ծանոթ ձայն եմ լսում։ Հագա խալաթս ու մոտեցա դռանը։ Ներքևից լսվում էր դռնապանուհու ձայնը։ Նա շատ զայրացած էր։ Անունս լսելով, ձայն տվի նրան։

― Այդ դո՞ւք եք, մսյո Բարնս, ― բղավեց դռնապանը։

― Այո, ես եմ։

― Այստեղ մի կին ձայնը գցել է փողոցով մեկ։ Սա խայտառակություն է գիշերվա այս ժամին։ Ասում է, որ պետք է ձեզ տեսնի։ Ասացի, որ դուք քնած եք։

Հետո լսեցի Բրեթի ձայնը։ Քունը գլխիս ինձ թվում էր, թե դա Ժորժետն է։ Չգիտեմ ինչու։ Չէ որ նա իմ հասցեն չգիտեր։

― Բարի եղեք նրան վերև թողնել։

Բրեթը բարձրացավ սանդուղքով։ Տեսա, որ հարբած է։

― Ամոթ բան եղավ, ― ասաց նա։ ― Մեծ աղմուկ ստացվեց։ Բայց դու քնած չէիր, չէ՞։

― Իսկ քո կարծիքով ի՞նչ էի անում։

― Չգիտեմ։ Ժամը քանի՞սն է։

Նայեցի ժամացույցին։ Չորսն անց էր կես։

― Գաղափար չունեի, թե ժամը քանիսն է, ― ասաց Բրեթը։ ― Թույլ կտա՞ք մարդուն նստել։ Մի զայրանա, սիրելիս։ Հենց նոր բաժանվեցի կոմսից։ Նա ինձ այստեղ բերեց։

― Հը, նա ո՞նց է, ― հարցրի, հանելով կոնյակը, սոդայաջուրն ու բաժակները։

― Շատ քիչ լցրու, ― ասաց Բրեթը։ ― Ինձ չհարբեցնես։ Կո՞մսը։ Ոչինչ։ Մեզ նման է։

― Նա իսկապե՞ս կոմս է։

― Քո կենացը։ Կարծես թե իսկապես։ Համենայն դեպս, արժանի է կոմս լինելու։ Սատանան տանի, նա ինչ ասես չգիտի մարդկանց մասին։ Չես հասկանում, թե որտեղից այդքան բան գիտի։ Հրուշակեղենի խանութների մի ամբողջ ցանց ունի Ամերիկայում։

Նա մի կում արեց իր բաժակից։

― Կարծեմ նա հենց այդպես էլ ասաց՝ «Ցանց»։ Կամ դրա նման մի բան։ Այդ բոլորին իրար է միացնում։ Ինձ որոշ բաներ պատմեց դրա մասին։ Շատ հետաքրքիր է։ Բայց նա մեզ նման է։ Այո, ոչ մի կասկած։ Դա իսկույն երևում է։

Նա մի կում էլ արեց։

― Վերջապես, ի՞նձ ինչ, թե նա ինչ է անում։ Դու չես զայրանում, այնպես չէ՞։ Գիտե՞ս, նա շատ է օգնում Զիզիին։

― Իսկ Զիզին նույնպե՞ս իսկական դուքս է։

― Շատ հնարավոր է։ Հույն, հասկանո՞ւմ ես։ Որպես նկարիչ բանի պետք չէ։ Ես կոմսին ավելի եմ հավանում։

― Նրա հետ ո՞ւր գնացիր։

― Օ, ուր ասես։ Հիմա նա ինձ այստեղ բերեց։ Ինձ տասը հազար դոլար առաջարկեց, եթե իր հետ Բիարից գնամ։ Դա ինչքա՞ն կլինի ֆունտով։

― Մոտ երկու հազար ֆունտ։

― Ահագին գումար է։ Ասացի նրան, որ չեմ կարող։ Նա շատ հանգիստ ընդունեց։ Ասացի, որ Բիարիցում շատ ծանոթներ ունեմ։

Բրեթը ծիծաղեց։

― Շատ դանդաղ ես խմում, ― ասաց նա։ Մինչ այդ ես հազիվ մի փոքր կում էի արել իմ բրենդիից։ Հետո միանգամից մի մեծ կում արեցի։

― Ա՛յ, դա լավ է, ― ասաց Բրեթը։ ― Շատ ծիծաղելի է։ Հետո նա ուզում էր, որ իր հետ գնամ Կանն։ Ասացի, որ շատ ծանոթներ ունեմ և այնտեղ։ Ասացի, որ ծանոթներ ունեմ ամեն տեղ։ Եվ դա իսկապես այդպես է։ Եվ վերջապես խնդրեցի, որ ինձ բերի այստեղ։

Նա նայում էր ինձ՝ արմունկը հենած սեղանին, բաժակը բռնած։

― Այդպես ինձ մի նայիր։ Ես նրան ասացի, որ սիրահարված եմ քեզ։ Եվ դա նույնպես ճիշտ է։ Ինչո՞ւ ես այդպես նայում։ Նա դա նորից շատ լավ ընդունեց։ Ուզում է վաղը մեզ տանել ընթրելու։ Կգա՞ս։

― Ինչու չէ։

― Դե լավ, ես գնամ։

― Ինչո՞ւ։

― Ուզում էի միայն տեսնել քեզ։ Հիմար միտք։ Գուցե կհագնվես և ինձ հետ ցա՞ծ կիջնես։ Նա այստեղ, փողոցում մեքենայով ինձ է սպասում։

― Կո՞մսը։

― Նա ինքը։ Եվ վարորդն էլ շրջազգեստով։ Ուզում է ինձ ման տալ, իսկ հետո նախաճաշել Բուլոնյան անտառում։ Զամբյուղներով գինի։ Վերցրել է Զելլիից։ Մի տասներկու շիշ մումմ։ Չե՞ս գայթակղվում։

― Առավոտյան պետք է աշխատեմ, ― ասացի ես։ ― Եվ հետո ձեզնից շատ եմ ետ մնացել, ձանձրալի կլինի ինձ հետ։

― Հիմար մի լինիր։

― Չեմ կարող։

― Լավ։ Ողջույն հաղորդե՞մ քո կողմից։

― Անպայման։ Եվ շատ ջերմ։

― Բարի գիշեր, սիրելիս։

― Ուղղակի հուզիչ է։

― Ինձ ցավ ես պատճառում։

Հրաժեշտ տալով մենք համբուրվեցինք, և Բրեթը ցնցվեց։

― Ես գնամ, ― ասաց նա։ ― Բարի գիշեր, սիրելիս։

― Ինչո՞ւ ես գնում։

― Այդպես է պետք։

Սանդուղքի վրա մենք նորից համբուրվեցինք, և երբ ես դռնապանուհուն ձայն տվի, որ դուռը բացի, նա ինչ֊որ բան մռթմռթաց դռան ետևը։ Բարձրացա իմ սենյակ և բաց պատուհանից նայում էի, ինչպես Բրեթը մոտեցավ մեծ լիմուզինին, որ սպասում էր նրան մայթին կպած, աղեղնավոր լամպի տակ։ Նա նստեց մեքենա, և մեքենան շարժվեց։ Շրջվեցի պատուհանից ու նայեցի շուրջս։ Սեղանին դրված էր երկու բաժակ՝ մեկը դատարկ, մյուսը՝ կիսով չափ լցված սոդայախառն բրենդիով։ Երկու բաժակն էլ տարա խոհանոց և բրենդին լցրեցի լվացարանը։ Ճաշասենյակում անջատեցի գազը, անկողնում նստած շպրտեցի մաշիկներս ու պառկեցի։ Ահա սա է Բրեթը, և սրա համար ես լաց էի լինում։ Հետո հիշեցի, թե նա հենց նոր ինչպես էր քայլում փողոցով, ինչպես նստեց մեքենա, ինչպես վերջին անգամ տեսա նրան, և շատ շուտով նորից ինձ վատ զգացի։ Շատ հեշտ է անզգա լինել ցերեկը, իսկ գիշերը դա հնարավոր չէ։


Գլուխ հինգերորդ

Առավոտյան բուլվարով քայլեցի մինչև Սուֆլո փողոց և մի գավաթ սուրճ խմեցի բրիոշով։ Սքանչելի առավոտ էր։ Լյուքսեմբուրգյան պարտեզի շագանակենիները ծաղկել էին։ Զգացվում էր վաղ առավոտի զովությունը ցերեկվա շոգից առաջ։ Սուրճ խմելու ընթացքում աչքի անցկացրի առավոտյան լրագրերը և մի սիգարետ ծխեցի։ Ծաղկավաճառ կանայք գալիս էին շուկայից և դասավորում իրենց օրվա ապրանքը։ Անցնում էին ուսանողները՝ ոմանք իրավաբանական ինստիտուտ, ոմանք Սորբոն։ Բուլվարով անընդհատ անցնում էին տրամվայներ, աշխատանքի շտապող մարդիկ։ Նստեցի ավտոբուս և վերջին հարթակում կանգնած հասա մինչև Մադլեն եկեղեցին։ Այստեղից Կապուցինների բուլվարով քայլեցի մինչև Օպերա և հասա իմ խմբագրություն։ Անցա թռչող գորտեր և խաղալիք բռնցքամարտիկներ վաճառողների կողքից։ Քայլերս թեքեցի, որպեսզի ոտքս չդնեմ թելի վրա, որով վաճառողի աղջիկը շարժան մեջ էր դնում բռնցքամարտիկներին։ Նա կանգնել էր երեսը շրջած, թելերը իրար միացրած ձեռքերի մեջ։ Վաճառողը համոզում էր երկու զբոսաշրջիկների, որ գնեն խաղալիքը։ Եվս երեք զբոսաշրջիկ մոտեցան և նայում էին։ Ես քայլում էի մի մարդու ետևից, որը գլանը գլորելով խոնավ տառերով գրում էր մայթին CINZANO։ Շուրջբոլորս մարդիկ աշխատանքի էին շտապում։ Հաճելի էր զգալ, որ գնում ես աշխատանքի։ Կտրեցի փողոցն ու թեքվեցի դեպի իմ խմբագրությունը։

Աշխատասենյակ բարձրանալով, կարդացի առավոտյան ֆրանսիական թերթերը, ծխեցի, հետո նստեցի մեքենայի առջև և լարված աշխատեցի այդ ամբողջ առավոտ։ Ժամը տասնմեկին տաքսի նստեցի և գնացի Quai d' Orsay, մտա մինիստրություն և մի կես ժամ նստեցի այնտեղ բազմաթիվ թղթակիցների հետ, ստիպված լսելով, թե ինչպես Արտաքին գործերի մինիստրության ներկայացուցիչը, եղջերավոր ակնոցով մի երիտասարդ դիվանագետ, խոսում է ու պատասխանում հարցերեին։ Մինիստրների կաբինետի նախագահը մեկնել էր Լիոն, որտեղ պետք է ճառ արտասաներ, կամ էլ, թերևս, արդեն վերադարձի ճանապարհին էր։ Մի քանիսը հարցեր էին տալիս լոկ իրենք իրենց լսելու համար, իսկ հեռագրական գործակալության ներկայացուցիչներից էլ ոմանք հարցեր էին տալիս պատասխան լսելու համար։ Ոչ մի նորություն չկար։ Վերադարձին Ուոլսիի և Քրամի հետ նույն տաքսիով եկա։

― Երեկոներն ի՞նչ եք անում, Ջեյք, ― հարցրեց Քրամը։ ― Ձեզ ոչ մի տեղ չեմ հանդիպում։

― Օհ, գրեթե միշտ Լատինական թաղամասում եմ լինում։

― Մի օր անպայման կգամ այնտեղ։ «Դինգո» սրճարան։ Ասում են դա ամենաուրախ տեղն է, չէ՞։

― Այո, չնայած «Սելեքտն» էլ վատը չէ։

― Քանի֊քանի անգամ եմ պատրաստվել գալ այնտեղ, ― ասաց Քրամը։ ― Բայց դե գիտեք էլի, երբ մարդ կին ու երեխաներ ունի․․․

― Թենիս խաղո՞ւմ եք, ― հարցրեց Ուոլսին։

― Ոչ, ― ասաց Քրամը։ ― Կարող եմ ասել, որ այս տարի գրեթե չեմ խաղացել։ Միշտ ուզում էի մի կերպ ժամանակ գտնել գնալ, բայց կիրակի օրերը շատ լիքն են։

― Անգլիացիները շաբաթ օրերը չեն աշխատում, ― ասաց Ուոլսին։

― Սրիկաների բախտը միշտ բերում է, ― ասաց Քրամը։ ― Ոչինչ, կգա մի օր ես էլ չեմ աշխատի գործակալությունում։ Ու ես էլ շատ ժամանակ կունենամ քաղաքից դուրս գալու։

― Ամենից լավն է մարդ ապրի քաղաքից դուրս ու մի փոքրիկ մեքենա ունենա։

― Մտածում եմ մյուս տարի մեքենա գնել։

Բախեցի ապակին։ Վարորդը մեքենան կանգնեցրեց։

― Ես հասա, ― ասացի։ ― Ներս եկեք, մի֊մի բաժակ խմենք։

― Շնորհակալություն, ― ասաց Քրամը։

Ուոլսին գլուխն օրորեց։

― Պետք է կարգի բերեմ, մշակեմ բոլորն, ինչ նա այսօր դուրս տվեց։

Երկու ֆրանկանոց թղթադրամ դրեցի Քրամի ձեռքը։

― Գժվե՞լ եք, ինչ է, Ջեյք, ― ասաց նա։ ― Ես կվճարեմ։

― Բայց սա խմբագրության հաշիվն է։

― Ոչ։ Ես եմ վճարելու։

Ձեռքս թափ տվի հրաժեշտ տալով։ Քրամը գլուխը դուրս հանեց։

― Հուսով եմ, չորեքշաբթի միասին կնախաճաշենք։

― Անպայման։

Վերելակով բարձրացա խմբագրություն։ Ռոբերտ Կոնն ինձ էր սպասում։

― Հելլո, Ջեյք, ― ասաց նա, ― չգնա՞նք նախաճաշելու։

― Գնանք։ Միայն տեսնեմ որևէ շտապ բան կա՞, թե ոչ։

― Որտե՞ղ պիտի նախաճաշենք։

― Միևնույն է։ ― Ես նայում էի գրասեղանիս վրայի թղթերը։ ― Որտե՞ղ եք ուզում, որ նախաճաշենք։

― Ինչ կարծիքի եք, Վետցելի մոտ չգնա՞նք։ Այնտեղ հիանալի խորտիկներ են։

Ռեստորանում պատվիրեցինք խորտիտիկներ և գարեջուր։ Մատուցողը սառը գարեջուր բերեց բարձր կավե գավաթներով։ Գարեջուրը շատ սառն էր և գավաթի եզրերին մանր ջրակաթիլներ էին գոյացել։ Բազմազան խորտիկներ մատուցեցին։

― Երեկ երեկոյան ուրա՞խ ժամանակ անցկացրիք, ― հարցրեցի ես։

― Ոչ։ Առանձնապես ոչ։

― Ինչպես է, կարողանո՞ւմ եք գրել։

― Վատ է։ Երկրորդ գիրքը չեմ կարողանում ավարտել։

― Բոլորի հետ էլ պատահում է։

― Գիտեմ։ Բայց միևնույնն է դա ինձ տանջում է։

― Էլի ուզո՞ւմ եք Հարավային Ամերիկա գնալ։

― Այո։

― Ուրեմն, ի՞նչն է պատճառը, ինչու չեք գնում։

― Ֆրենսիսը։

― Ինչ կա որ, ― ասացի ես, ― նրան էլ ձեզ հետ տարեք։

― Դա նրա սրտով չի։ Նա չի ուզենա։ Նրան հարկավոր է, որ շուրջը շատ մարդիկ լինեն։

― Այդ դեպքում գրողի ծոցը ուղարկեք նրան։

― Չեմ կարող։ Համենայն դեպս, որոշ պարտականություններ ունեմ նրա հանդեպ։

Նա մի կողմ հրեց կտրատված վարունգի ափսեն և վերցրեց համեմված ծովատառեխ։

― Ջեյք, ասացեք, դուք ի՞նչ գիտեք լեդի Բրեթ Էշլիի մասին։

― Լեդի Էշլի՝ դա նրա ազգանունն է, իսկ Բրեթ՝ անունը։ Նա շատ հաճելի կին է, ― ասացի։ ― Բաժանվում է ամուսնուց և պատրաստվում է ամուսնանալ Մայքլ Քեմփբելլի հետ։ Հիմա Մայքլը Շոտլանդիայում է։ Իսկ ինչո՞ւ եք հարցնում։

― Նա չափազանց հմայիչ կին է։

― Հիրավի, չէ՞։

― Նրա մեջ մի ինչ֊որ ուրիշ բան կա, մի զարմանալի նրբագեղություն։ Ինձ թվում է, նա չափազանց նուրբ, զգայուն և շիտակ մարդ է։

― Նա շատ հաճելի է։

― Չգիտեմ, ինչպես ձեզ միտքս բացատրեմ, ― ասաց Կոնը։ ― Հավանաբար դա նրա տեսակն է։

― Ձեր խոսելուց երևում է, որ շատ եք հավանել նրան։

― Այո։ Չեմ զարմանա նույնիսկ, որ արդեն սիրահարված լինեմ։

― Նա հարբում է, ― ասացի ես։ ― Նա սիրահարված է Մայքլ Քեմփբելլին և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։ Օրերից մի օր Մայքլը շատ հարուստ կլինի։

― Չեմ հավատում, թե նրա հետ ամուսնանա։

― Ինչո՞ւ։

― Չգիտեմ։ Պարզապես չեմ հավատում։ Դուք նրան վաղո՞ւց եք ճանաչում։

― Այո, ― ասացի։ ― Պատերազմի ժամանակ նա քույր էր այն հոսպիտալում, որտեղ ես պառկած էի։

― Այն ժամանակ նա երևի բոլորովին երեխա էր։

― Հիմա նա երեսունչորս տարեկան է։

― Ե՞րբ է Էշլիի հետ ամուսնացել։

― Պատերազմի ժամանակ։ Նրա իսկական սերը նոր էր մահացել դիզինտերիայից։

― Դուք մի տեսակ դառնացած եք խոսում։

― Ներեցեք։ Դա ակամա էր։ Պարզապես ուզում էի շարադրել փաստերը։

― Չեմ հավատում, թե նա առանց սիրելու կամուսնանա որևէ մեկի հետ։

― Էհ, ― ասացի ես։ ― Նա արդեն երկու անգամ այդպես ամուսնացել է։

― Չեմ հավատում։

― Ուրեմն ինչո՞ւ եք ինձ այդ հիմար հարցերը տալիս, ― ասացի, ― եթե պատասխաններին միևնույն է չեք հավատում։

― Ես ձեզ չէի խնդրել այդ ասել։

― Բայց դուք խնդրեցիք ասել, թե ես ինչ գիտեմ լեդի Էշլիի մասին։

― Բայց չասացի, որ վիրավորեք նրան։

― Կորեք գրողի ծոցը։

Նա վեր կացավ սեղանից, գույնը գցած, գունատ ու չարացած, և կանգնել էր այդպես խորտիկներով ափսեների գլխին։

― Նստեք, ― ասացի։ ― Հիմարություն մի արեք։

― Ետ վերցրեք ձեր խոսքերը։

― Լավ։ Ինչպես կամենաք։ Ես Բրեթ Էշլիի մասին ոչինչ չեմ լսել, ոչինչ չգիտեմ։ Հիմա գո՞հ եք։

― Ոչ, ոչ այդ։ Այն, որ ինձ գրողի ծոցը ուղարկեցիք։

― Ա, պետք չէ, գրողի ծոցը մի գնացեք, ― ասացի։ ― Նստեք այստեղ։ Մենք նոր ենք սկսել նախաճաշել։

Կոնը ժպտաց և նստեց։ Նա, երևում է, ուրախ էր, որ կարող է նստել։ Թե չէ, իսկապես, ի՞նչ պիտի աներ, եթե չնստեր։

― Դուք այնպիսի վիրավորական բաներ ասացիք, Ջեյք։

― Մի զայրացեք։ Իմ լեզուն է այդպես վատը։ Երբ վատ բաներ եմ ասում, ինքս այդպես չեմ մտածում։

― Գիտեմ, ― ասաց Կոնը։ ― Ջեյք, դուք փաստորեն իմ միակ և ամենալավ բարեկամն եք։

«Աստված քեզ հետ» ― մտածեցի ես։

― Մոռացեք, ինչ որ ասացի, ― արտասանեցի բարձրաձայն։ ― Եվ մի զայրացեք։

― Ոչինչ։ Ամեն ինչ լավ է։ Ես պարզապես այն պահին ինձ վատ զգացի։

― Շատ լավ։ Եկեք ուտելու մի բան պատվիրենք։

Նախաճաշն ավարտելով, քայլեցինք դեպի Դը Լա Պե սրճարան և սուրճ խմեցինք։ Զգում էի, որ Կոնը նորից ուզում է Բրեթի մասին խոսք բացել, բայց նրան հնարավորություն չէի տալիս։ Մի քիչ խոսեցինք զանազան բաներից, հետո հրաժեշտ տվեցի և շտապեցի խմբագրություն։


Գլուխ վեցերորդ

Ժամը հինգին «Քրիյոն» հյուրանոցում էի և սպասում էի Բրեթին։ Նա դեռ չկար։ Նստեցի ու մի քանի նամակ գրեցի։ Մի առանձնապես հաջող չստացվեցին նամակներս, բայց հույս ունեի, որ ծրարի և թղթի վրա «Քրիյոն» հյուրանոցի դրոշմը տպավորությունը կփոխի։ Բրեթը դեռ չէր հայտնվում, ուստի ժամը վեցին քառորդ պակաս իջա բար ու «Ջեք ռոզ» կոքթեյլ խմեցի բարմեն Ջորջի հետ։ Բրեթը բարում էլ չէր։ Հյուրանոցից դուրս գալուց առաջ նորից նրան փնտրեցի վերևում, ապա տաքսի նստեցի և գնացի «Սելեքտ» սրճարան։ Սենայի վրայով անցնելիս, տեսա իրար կցված բեռնանավերի մի շարան, որ լողում էր գետի հոսանքով․ երբ նրանք անցնում էին կամրջի տակից, մայկույկավարները փայտերով հրում էին, օգնում շարժմանը։ Գետը չափազանց գեղեցիկ էր։ Միշտ հաճելի է անցնել Փարիզի կամուրջներով։

Տաքսին շրջանցեց լուսազդանշանի գյուտարարի հուշարձանը, որը պատկերված էր իր հայտնագործության արարողությունը կատարելու ձևով, թեքվեց Ռասպայ բուլվար և ես մի քիչ ետ քաշվեցի, որ չտեսնեմ փողոցի այդ մասը։ Ռասպայ բուլվարով գնալը միշտ էլ ձանձրալի էր։ Փարիզ֊Լիոն երկաթգծի ճանապարհին, Ֆոնտենբլոյի և Մոնմարթրի միջև կա մի հատված, որտեղ ես միշտ ձանձրանում եմ, ամայության և հոգնության զգացողություն եմ ունենում, մինչև որ անցնում եմ այդ տեղով։ Հավանաբար ճանապարհին այդպիսի մեռյալ կետեր են առաջանում մտքի ինչ֊որ զուգորդություններով։ Փարիզում Ռասպայ բուլվարից շատ ավելի տհաճ փողոցներ կան։ Ոտքով շատ հանգիստ կարող եմ անցնել այդ փողոցը։ Բայց երբ մեքենայով եմ գնում, տանել չեմ կարողանում։ Գուցե երբևէ ինչ֊որ բա՞ն եմ կարդացել այդ փողոցի մասին։ Ռոբերտ Կոնի վրա Փարիզում ամեն ինչն էր այդպես ազդում։ Հետաքրքիր է, որտեղից է Ռոբերտ Կոնի այդ վերաբերմունքը։ Փարիզի նկատմամբ։ Արդյոք Մենքենի ազդեցություն չէ՞ր։ Մենքենը, կարծեմ, ատում է Փարիզը։ Շատ երիտասարդներ կան, որ սիրում կամ չեն սիրում Մենքենի ազդեցությամբ։

Տաքսին կանգնեց «Ռոտոնդ» սրճարանի դիմաց։ Մոնպառնասի վրա ինչ սրճարանի անուն էլ որ տաք վարորդին, եթե մեքենա եք նստել Սենայի աջ ափին, նա միևնույն է ձեզ կբերի «Ռոտոնդ»։ Տասը տարի հետո այդպիսի սրճարան կդառնա «Դոմը»։ Սակայն իմ սրճարանը ասյտեղից շատ մոտ էր։ Ռոտոնդի անուրախ սեղանների կողքով անցա դեպի «Սելեքտ» սրճարան։ Ներսում՝ բարում մի քանի մարդ կար, իսկ դրսում միայնակ նստած էր Հարվի Սթոնը։ Նրա դիմաց մի կույտ պնակներ էին դրված, իսկ դեմքը սափրվելու խիստ կարիք ուներ։

― Նստեցեք, ― ասաց Հարվին, ― ես ձեզ չէի սպասում։

― Որևէ բա՞ն է պատահել։

― Ոչ։ Պարզապես ձեզ էի սպասում։

― Ձիարշավին եղե՞լ եք։

― Ոչ։ Կիրակի օրվանից հետո չեմ եղել։

― Ի՞նչ կա նահանգներից։

― Ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։

― Բայց ի՞նչ է պատահել։

― Չգիտեմ։ Այլևս նրանց հետ կապ չունեմ։ Ոչ մի կապ չունեմ։ Նա առաջ թեցվեց և նայեց աչքերիս մեջ։

― Գիտե՞ք ձեզ ինչ կասեմ, Ջեյք։

― Ի՞նչ։

― Արդեն հինգ օր է ոչինչ չեմ կերել։

Մտքումս իսկույն հաշիվ արեցի։ Ընդամենը երեք օր առաջ էր, որ Հարվին ինձնից երկու հարյուր ֆրանկ տարավ «Նյու֊Յորք» բարում փոկեր խաղալիս։

― Իսկ ինչո՞ւ։

― Փող չունեմ։ ― Փող չեկավ։ ― Նա լռեց մի պահ։ ― Ջեյք, պիտի ասեմ, որ դա շատ տարօրինակ է։ Երբ այս վիճակում եմ, ուզում եմ մենակ մնալ։ Ուզում եմ կատվի նման մի անկյունում մնամ։

Գրպանս տնտղեցի։

― Հարվի, հարյուր ֆրանկը քեզ յոլա կտանի՞։

― Այո։

― Դե, վեր կացեք։ Գնանք մի բան ուտենք։

― Շտապելու բան չկա։ Խմեք ինձ հետ։

― Ավելի լավ կլիներ մի բան ուտեիք։

― Ոչ։ Երբ ես այս վիճակում եմ, ուտեմ, թե չուտեմ ինձ համար միևնույն է։

Խմեցինք։ Հարվին իր պնակը միացրեց իր կույտին։

― Դուք Մենքենին ճանաչո՞ւմ եք, Հարվի։

― Այո։ Ի՞նչ կա որ։

― Նա ո՞նց է։

― Էնպես, ոչինչ։ Շատ զվարճալի բաներ է ասում։ Վերջերս միասին ճաշում էինք ու խոսք բացվեց Հոֆենհայմերի մասին։ «Ցավն այն է, ― ասաց Մենքենը, ― որ նա սուրբ է ձևանում»։ Լավ է ասված, չէ՞։

― Իսկապես լավ է։

― Իսկ իրականում նա արդեն սպառվել է, ― շարունակեց Հարվին։ ― Այն ամենը, ինչ գիտեի, նա արդեն գրել է, իսկ հիմա ուզում է գրել այն, ինչ չգիտի։

― Նա, ըստ երևույթին, իսկապես էլ վատ գրող չէ, ― ասացի, ― բայց ես նրան չեմ կարողանում կարդալ։

― Դե, հիմա նրան ոչ ոք չի կարդում, ― ասաց Հարվին։ ― Թերևս միայն նրանք, ովքեր մի ժամանակ կարդացել են Ալեքսանդր Համիլթոնի ինստիտուտի աշխատությունները։

― Էհ, ոչինչ, ― ասացի ես։ ― Դա էլ վատ չէ։

― Իհարկե, ― համաձայնեց Հարվին։

― Ահա և Կոնը, ― ասացի ես։

Ռոբերտ Կոնը անցնում էր փողոցը։

― Ապուշի մեկն է, ― ասաց Հարվին։

Կոնը մոտեցավ մեր սեղանին։

― Հելլո, անբաններ, ― ասաց նա։

― Հելլո, Ռոբերտ, ― ասաց Հարվին։ ― Հենց նոր Ջեյքին այսում էի, որ դուք ապուշ եք։

― Դրանով ի՞նչ եք ուզում ասել։

― Հիմա անմիջապես պատասխանեք։ Առանց մտածելու։ Ի՞նչ կանեիք, եթե կարողանայիք ինչ ուզում եք անել։

Կոնն սկսեց մտածել։

― Մի մտածեք։ Միանգամից ասեք։

― Չգիտեմ, ― ասաց Կոնը։ ― Եվ չեմ հասկանում, թե ինչի՞ համար է դա։

Հենց այնպես, ուզում էի իմանալ, թե դուք ինչ կանեիք։ Ձեր գլուխը եկած առաջին միտքը։ Թեկուզ դա հիմարություն լիներ։

― Չգիտեմ, ― ասաց Կոնը։ ― Թերևս ուզեի նորից ֆուտբոլ խաղալ, մանավանդ որ հիմա մարզված եմ։

― Սխալվել եմ, ― ասաց Հարվին։ ― Սա ապուշություն չէ։ Պարզապես ոչ ժամանակին, ուշացած զարգացման դեպք է։

― Շատ սրամիտ եք, Հարվի, ― ասաց Կոնը։ ― Այսպես որ շարունակեք, վերջը մի լավ դնգստոց կուտեք։

Հարվի Սթոնը ծիծաղեց։

― Կարծո՞ւմ եք։ Ոչ, հանգիստ եղեք, ոչ ոք ինձ չի խփի։ Որովհետև դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ես բռնցքամարտիկ չեմ։

― Որ հասցնեն, հազիվ թե ձեզ համար նշանակություն չունենա։

― Պատկերացրեք, չի ունենա։ Հենց այստեղ է, որ դուք սխալվում եք։ Որովհետև դուք մտքի մարդ չեք։

― Վերջ տվեք։

― Լավ, ― ասաց Հարվին։ ― Խնդրեմ, դուք ինձ համար ոչինչ եք։

― Բավական է, Հարվի, ― ասացի ես։ ― Մի բաժակ էլ խմենք։

― Ոչ, ― ասաց նա։ ― Գնում եմ մի բան ուտեմ։ Դե կհանդիպենք, Ջեյք։

Նա վեր կացավ ու քայլեց դեպի փողոցը։ Նայում էի, թե նա ինչպես է անցնում փողոցը, անշտապ և վստահ շարժվում մեքենաների միջով։

― Նա ինձ միշտ զայրացնում է, ― ասաց Կոնը։ ― Տանել չեմ կարող նրան։

― Իսկ ինձ նա դուր է գալիս, ― ասացի ես։ ― Նույնիսկ սիրում եմ նրան։ Պետք չէ նրա վրա զայրանալ։

― Գիտեմ, ― ասաց Կոնը։ ― Պարզապես ազդում է նյարդերիս վրա։

― Այսօր աշխատե՞լ եք։

― Ոչ։ Չէր ստացվում։ Այս գիրքն ավելի դժվար է առաջ գնում, քան առաջինը։ Ոչ մի կերպ չեմ կարողանում աշխատել։

Այն կայտառ ինքնավստահությունից, ինչ տրամադրությամբ որ նա վերադարձել էր գարնանը Ամերիկայից, հետքն էլ չէր մնացել։ Այն ժամանակ նա վստահ էր իր գրական ձիրքին և ձգտում էր միայն արկածներ ունենալ։ Հիմա այդ վստահությունը կորցրել էր։ Ինձ թվում է, որ ես այնքան էլ որոշակի չկարողացա նկարագրել Ռոբերտ Կոնին։ Բանն այն է, որ քանի դեռ նա չէր սիրահարվել Բրեթին, ոչ մի այնպիսի բան չէր ասում, որով տարբերվեր ուրիշներից։ Թենիս էր խաղում շատ գեղեցիկ, լավ կազմվածք ուներ և լավ պահպանում էր իր տեսքը, ճարպիկ էր, բավական լավ բրիջ էր խաղում և, դժվար է ասել, արտաքինով, թե ինչով, բայց ինչ֊որ բանով նմանվում էր ուսանողի։ Ես դեռ լսած չկայի, որ նա, երբ մարդիկ էին լինում հավաքված, որևէ տարօրինակ բան ասեր։ Հագնում էր այսպես կոչված պոլո ձևի վերնաշապիկներ, ― դրանք այդպես էին կոչվում մեր համալսարանական տարիներին, որ երևի մինչև հիմա էլ այդպես են կոչվում, ― բայց երբեք չէր ջանում իր տարիքից երիտասարդ երևալ։ Չեմ կարծում, թե առանձնապես սեր ունենար պճնամոլության։ Նրա արտաքինը ձևավորվել էր Պրիսնսթոնի համալսարանում։ Ներքինը կազմավորվել էր երկու կանանց ազդեցության տակ։ Նրա մեջ կար մի հաճելի տղայական զվարթություն, որն այդ կանանցից ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին չէր հաջողվել նրա մեջ սպանել, և որը թերևս ես չեմ կարողացել լավ ներկայացնել։ Օրինակ, թենիս խաղալիս նա շատ սիրում էր հաղթել։ Նա ուզում էր անպայման հաղթած լինել, երևի այնպես, ինչպես, ասենք, նշանավոր Լենգլեն։ Սակայն պարտվելուց էլ երբեք չէր զայրանում։ Բրեթին սիրահարվելուց հետո թենիսը դարձավ նրա համար ոչ կարևոր։ Սկսեց պարտվել այնպիսի խաղացողների, որոնք մտքով իսկ չէին կարող անցկացնել, թե նրան կհաղթեն։ Սակայն նա շատ հանգիստ էր նայում այդ ամենին։

Եվ այդպես, մենք նստել էինք «Սելեքտ» սրճարանում, իսկ Հարվի Սթոնը հենց նոր անցել էր փողոցը։

― Գնանք «Քլոզերի դը Լիլա», ― ասացի ես։

― Ես ժամադրություն ունեմ։

― Ժամը քանիսի՞ն։

― Ֆրենսիսը պետք է այստեղ լինի յոթն անց քառորդ։

― Ահա և նա։

Ֆրենսիս Քլայնը փողոցը կտրելով դեպի մեզ էր գալիս։ Նա շատ բարձրահասակ էր, քայլում էր արագ, լայն֊լայն։ Նա մեզ ձեռքով արեց և ժպտաց։ Նայում էինք, թե նա ինչպես է փողոցը կտրում։

― Հելլ, ― ասաց նա։ ― Ջեյք, շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Ուզում եմ ձեզ հետ խոսել։

― Հելլո, Ֆրենսիս, ― ասաց Կոնը և ժպտաց։

― Օ, Ռոբերտ, հելլո։ Դո՞ւ էլ ես այստեղ։

Նա արագ շարունակեց։

― Այսօր ինձ համար շատ վատ օր է։ Սա, ― ցույց տվեց Կոնին, ― տուն չեկավ ճաշին։

― Ես չպետք է գայի։

― Օհ, գիտեմ։ Բայց դու չէի զգուշացրել խոհարարին։ Հետո ես փորձեցի պայմանավորվել Պաուլայի հետ, բայց նա խմբագրությունում չէր։ Գնացի «Ռիտց» և նրան այնտեղ էի սպասում։ Բայց նա չեկավ, իսկ ես այնքան փող չունեի, որ կարողանայի «Ռիտցում» ճաշել։

― Եվ ի՞նչ արեցիր։

― Ինչ պիտի անեի, դուրս եկա, ― նա աշխատում էր ձայնին ուրախ երանգ տալ։ ― Ես ժամադրությունից երբեք չեմ ուշանում։ Հիմա քչերն են այդպես անում։ Պետք է որ դու իմանայիր։ Էհ, դուք ինչպե՞ս եք, Ջեյք։

― Շատ լավ։

― Մի սիրուն աղջիկ բերեցիք պարասրահ, իսկ հետո գնացիք այդ Բրեթ կոչվածի հետ։

― Նա քեզ դուր չի՞ գալիս, ― հարցրեց Կոնը։

― Ես կարծում եմ, որ նա շատ հմայիչ է, իսկ դո՞ւ։

Կոնը լռեց։

― Լսեք, Ջեյք։ Ես ձեզ հետ խոսելիք ունեմ։ Գնանք այս դիմացի «Դոմ» սրճարանը։ Իսկ դու այստեղ կնստես, Ռոբերտ, չէ՞։ Գնանք, Ջեյք։

Մենք կտրեցինք Մոնպառնաս բուլվարն ու նստեցինք մի սեղանի շուրջ։ Մոտեցավ լրագրավաճառ տղան, և ես գնեցի փարիզյան «Թայմսը»։

― Ի՞նչ է պատահել, Ֆրենսիս։

― Ոհ, ոչինչ, ― ասաց նա։ ― Պարզապես նա ուզում է ինձ լքել։

― Ինչպե՞ս հասկանամ։

― Օհ, նա բոլորին ասում էր, որ մենք կամուսնանանք, ես էլ ասացի մորս, ընկերուհիներիս, բոլորին, իսկ հիմա նա չի ուզում։

― Իսկ ի՞նչ է պատահել։

― Նա գտնում է, որ դեռ պիտի կյանք վայելի։ Երբ Նյու֊Յորք գնաց, գիտեի, որ վերջն այդպես է լինելու։

Ֆրենսիսը նայեց ինձ, նրա աչքերը վառվում էին, թեև փորձում էր խոսել այնպես, ի միջի այլոց։

― Ես նրա հետ չեմ ամուսնանա, եթե նա չի ուզում։ Իհարկե, չեմ ամուսնանա։ Հիմա արդեն ոչ մի դեպքում չեմ ամուսնանա։ Միայն թե ինձ թվում է, որ հիմա արդեն մի քիչ ուշացել ենք, ամբողջ երեք տարի սպասելուց հետո և հենց այն ժամանակ, երբ ես ստացել եմ ապահարզանս։

Ես լռում էի։

― Մենք ուզում էինք նշել մեր ամուսնությունը, իսկ հիմա դրա փոխարեն շարունակ գժտվում ենք։ Նա ոնց որ երեխա լինի։ Մեղա է գալիս, լաց լինում, աղաչում ինձ, որ չհուզվեմ, բայց ասում է, որ չի կարող, ուղղակի չի կարող այդ անել։

― Դժվար դեպք է։

― Իհարկե, իսկական ձախորդություն։ Երկուսուկես տարի նրա վրա կորցրի։ Հիմա չգիտեմ նույնիսկ որևէ մեկը կուզենա՞ ինձ հետ ամուսնանալ։ Երկու տարի առաջ, Կաննում, ես կարող էի ուզածս տղամարդու հետ ամուսնանալ։ Տարիքն առած բոլոր տղամարդիկ, որ ուզում էին արդեն ամուսնանալ և հետաքրքիր կին ունենալ, վազ էին տալիս ետևիցս։ Իսկ հիմա վստահ չեմ, թե որևէ մեկին կգտնեմ։

― Հավատացեք, դուք հիմա էլ կարող եք ամուսնանալ ում հետ ուզեք։

― Ոչ, ես դրան չեմ հավատում։ Եվ հետո, ես նրան սիրում եմ։ Ուզում էի երեխաներ ունենալ։ Միշտ մտածում էի, որ մենք երեխաներ կունենանք։ ― Նա բաց հայացքով նայում էր ինձ։ ― Երբեք առանձնապես չեմ սիրել երեխաներ, բայց չեմ էլ մտածել, որ երբեք երեխա չեմ ունենալու։ Միշտ մտածում էի, որ երբ երեխա ունենամ, այն ժամանակ էլ կսիրեմ։

― Նա երեխաներ ունի։

― Օհ, այո։ Նա ունի և՛ երեխաներ, և՛ փող, նա ունի և՛ հարուստ մայր, և նա գիրք է գրել, իսկ իմ գրածը ոչ ոք չի ուզում տպել, ոչ ոք։ Իսկ ես իսկի էլ վատ չեմ գրում։ Ու փող էլ բոլորովին չունեմ։ Իհարկե, կարող էի ինձ համար ապրուստի միջոց պահանջել, բայց շտապում էի, ուզում էի ապահարզանս շուտ ստանալ։ ― Նա նորից բաց նայեց ուղիղ աչքերիս։ ― Սա անարդարացի է։ Որոշ իմաստով ես էլ եմ մեղավոր։ Բայց ոչ լիովին։ Պետք է ավելի խելացի լինեի։ Իսկ երբ նրա հետ խոսում եմ ամուսնության մասին, նա ուղղակի սկսում է լաց լինել և ասում է, որ չի կարող ամուսնանալ։ Իսկ ինչո՞ւ չի կարող։ Ես լավ կին կլինեի։ Ինձ հետ հեշտ է ապրել։ Ես աշխատում եմ նրան չխանգարել, բայց մեկ է, բան դուրս չի գալիս։

― Տհաճ պատմություն է։

― Այո, տհաճ պատմություն է։ Սակայն այդ մասին խոսել իմաստ չունի, այնպես չէ՞։ Եկեք վերադառնանք մեր սրճարան։

― Դուք, իհարկե, հասկանում եք, որ ես ոչինչ չեմ կարող անել։

― Գիտեմ, չեք կարող։ Պարզապես նրան չասեք, որ ձեզ հետ խոսել եմ։ Ես գիտեմ, թե նա ինչ է ուզում։ ― Այստեղ նա առաջին անգամ փոխեց իր խոսելու շինծու, զարմանալիորեն անտարբեր տոնը։ ― Նա ուզում է մենակ վերադառնալ Նյու֊Յորք, այնտեղ լինել գիրքը լույս տեսնելու ժամանակ և հաջողություն ունենալ աղջիկների մոտ։ Դա է նրա ուզածը։

― Իսկ գուցե գիրքը չե՞ն հավանում։ Չեմ կարծում, թե դա է նրա ուզածը։ Մի՞թե դուք համոզված եք դրանում։

― Ջեյք, դուք նրան ինձ պես չեք ճանաչում։ Նա հենց այդ է ուզում։ Ես դա գիտեմ, գիտեմ։ Հենց դրա համար նա չի ուզում ամուսնանալ։ Նա այս աշնանն ուզում է ինքը մենակ վայելել իր հաջողությունը։

― Վերադառնա՞նք սրճարան։

― Այո, գնանք։

Մենք վեր կացանք սեղանի մոտից, խմիչք մեզ այդպես էլ չբերեցին, անցանք փողոցն ու մտանք «Սելեքտ» սրճարան, ու Կոնը մարմարյա սեղանիկի մոտ նստած մեզ էր սպասում ժպիտը դեմքին։

― Ինչո՞ւ ես այդպես ուրախ, ― հարցրեց Ֆրենսիսը։ ― Քեզ շա՞տ երջանիկ ես զգում։

― Ինձ համար ծիծաղելի են քո և Ջեյքի գաղտնիքները։

― Օհ, այն, ինչ ասացի Ջեյքին, ոչ մի գաղտնիք էլ չէ։ Շուտով դա բոլորը կիմանան։ Ուզում էի պարզապես, որ Ջեյքն ինձ ավելի լավ հասկանա։

― Ինչի՞ մասին էիք խոսում։ Քա Անգլիա գնալո՞ւ։

― Այո, իմ Անգլիա գնալու մասին։ Օհ, Ջեյք, մոռացա ասեմ, որ Անգլիա եմ գնում։

― Դա շատ լավ է։

― Այո, դա միշտ այդպես է արվում օրինավոր ընտանիքներում։ Ռոբերտը ինձ ուղարկում է Անգլիա։ Նա ինձ երկու հարյուր ֆունտ ստեռլինգ է տալիս, և ես հյուր եմ գնում ընկերներիս։ Հիանալի է, չէ՞, թեև ընկերներս դեռ ոչինչ չգիտեն այդ մասին։

Նա դարձավ Կոնին և ժպտաց։ Վերջինս այլևս չէր ժպտում։

― Դու ուզում էիր ինձ ընդամենը հարյուր ֆունտ տալ չէ՞, Ռոբերտ։ Բայց ես նրան ստիպեցի, որ երկու հարյուր ֆունտ տա։ Չէ՞ որ դու շատ շռայլ մարդ ես, Ռոբերտ։

Զարմանում էի, թե ինչպես կարելի է Ռոբերտ Կոնին այդպիսի զարհուրելի բաներ ասել։ Կան մարդիկ, որոնց վիրավորական բաներ ասել անհնարին է։ Թվում է, որ աշխարհն ուղղակի տեղնուտեղը փուլ կգա, եթե նրանց վիրավորեն։ Մինչդեռ Կոնը կուլ էր տալիս այդ բոլորը։ Եվ այդ ամենը կատարվում էր իմ աչքի առաջ ու ես ոչ մի ցանկություն չունեի դա կասեցնելու։ Բայց պարզվեց, որ դա դեռ ընկերական կատակներ էին այն բանի համեմատ, ինչ տեղի ունեցավ հետո։

― Ֆրենսիս, ինչեր ես ասում, ինչու ես այդպես խոսում, ― ընդհատեց նրան Կոնը։

― Լսո՞ւմ ես սրան։ Ես գնում եմ Անգլիա։ Գնում եմ հյուր ընկեր֊բարեկամներիս։ Ձեզ երբևէ վիճակվե՞լ է հյուր լինել մարդկանց, որոնց դուք պետք չեք։ Օհ, իհարկե, նրանք ամեն դեպքում ստիպված կլինեն ինձ ընդունել։ «Ինչպե՞ս եք սիրելիս, որքան ժամանակ է չենք տեսել իրար։ Ինչպե՞ս է ձեր մայրիկը»։ Ինչպես, ինչպե՞ս է իմ սիրելի մայրիկը։ Նա իր ամբողջ ունեցածը դրեց ֆրանսիական ռազմական փոխառության մեջ։ Այո, այո, թերևս նա միակ մայրն էր, որ այդ արեց։ «Իսկ ինչպե՞ս է Ռոբերտը»։ Կամ էլ ուրիշ կերպ ավելի զգուշորեն կհարցնեն նրա մասին։ «Օ, պետք չէ նրա մասին խոսել, սիրելիս։ Խեղճ Ֆրենսիսը շատ է տանջվել նրա հետ»։ Իսկապես, ուրախ է լինելու, չէ՞, Ռոբերտ։ Ջեյք, դուք չե՞ք գտնում, որ շատ ուրախ է լինելու։

Նա դեմքը դարձրեց ինձ, ժպտալով իր անտանելիորեն բաց ժպիտով։ Նա շատ գոհ էր, որ իրեն լսող կա։

― Իսկ դո՞ւ ինչ ես անելու, Ռոբերտ։ Այս ամենն իմ մեղքով է, ես գիտեմ։ Ես եմ մեղավոր։ Երբ քեզ ստիպեցի հեռանալ այն աղջկանից, քո ամսագրի այն քարտուղարուհուց, պետք է հասկանայի, որ նույն ձևով էլ ինձ հետ կվարվես։ Ջյեքն այդ պատմությունը չգիտի։ Պատմե՞մ։

― Ֆրենսիս, աստծո սիրուն, լռիրի։

― Այո, պիտի պատմեմ։ Ռոբերտի ամսագրում մի փոքրիկ քարտուղարուհի էր աշխատում։ Մի սքանչելի աղջիկ, և Ռոբերտը գտնում էր, որ նա չքնաղ է։ Հետո հայտնվեցի ես, ստիպեցի նրան թողնել այդ աղջկան, որին նա, երբ խմբագրությունը տեղափոխվել էր, Փրովինսթաուն էր բերել Քարմելից, և թողեց նրան՝ չվճարելով նույնիսկ նրա վերադարձի ծախքերը։ Անում էր այդ, որ ինձ հաճույք պատճառի։ Այն ժամանակ նա գտնում էր, որ ես հետաքրքիր եմ։ Այնպես չէ՞, Ռոբերտ։

― Ջեյք, դուք սխալ չհասկանաք։ Քարտուղարուհու հետ նրա հարաբերությունները պաշտոնական էին։ Նույնիսկ պլատոնական էլ չէ։ Պարզապես ոչինչ, հասկանո՞ւմ եք։ Ուղղակի նա շատ գեղեցիկ աղջիկ էր։ Իսկ այդ արեց, որպեսզի ինձ հաճույք պատճառի։ Էհ, փոս փորողն ինքը մեջը կընկնի։ Տեղին է ասված, չէ՞։ Ռոբերտ, խորհուրդ եմ տալիս սա միտքդ պահես, քո հաջորդ գրքի համար։ Ռոբերտը, հասկանում եք, նյութեր է հավաքում նոր գրքի համար։ Այդպես է, չէ՞, Ռոբերտ։ Ահա հենց այդ պատճառով էլ նա թողնում է ինձ։ Նա գտել է, որ ես բավականաչափ հարմար չեմ պատկերելու համար։ Հասկանում եք, այս ամբողջ ժամանակ, որ մենք ապրում էինք միասին, նա այնքան զբաղված էր իր գիրքը գրելով, որ ոչինչ չի պահել հիշողության մեջ մեր կյանքից։ Եվ, ուրեմն, նա փորձում է նոր նյութ գտնել։ Օ, հուսով եմ, որ նա մի արտակարգ հետաքրքիր բան կգտնի։

― Լսիր, Ռոբերտ, սիրելիս։ Թույլ տուր մի բան ասեմ։ Չես նեղանա, այնպես չէ՞։ Երբեք կռիվ ու վեճեր մի սարքիր սիրածդ կանանց հետ։ Աշխատիր նրանց հետ չկռվել։ Որովհետև առանց լաց լինելու դու չես կարողանում կռվել, իսկ երբ լաց ես լինում, սկսում ես ինքդ քեզ խղճալ ու այլևս չես կարողանում հիշել ու հասկանալ, թե ինչ են ասում քեզ։ Այդպես դու երբեք ոչ մի երկխոսություն միտքդ չես պահի։ Աշխատիր չհուզվել։ Գիտեմ, դա շատ դժվար է։ Բայց հիշիր, չէ՞որ դա պետք է անես հանուն գրականության։ Ահա ես։ Ես գնում եմ Անգլիա առանց մի առարկության։ Եվ դա նորից հանուն գրականության։ Բոլորս պարտավոր ենք օգնել երիտասարդ գրողներին։ Դուք համաձայն չե՞ք, Ջեյք։ Բայց դուք երիտասարդ գրող չեք։ Իսկ դո՞ւ, Ռոբերտ։ Դու երեսունչորս տարեկան ես։ Ասենք, կարծեմ մեծ գրողի համար դա շատ չէ։ Հիշենք Հարդիին։ Հիշենք Անոտոլ Ֆրանսին, որը հենց վերջերս մահացավ։ Բայց Ռոբերտը գտնում է, որ Ֆրանսը այնքան էլ մեծ գրող չէ։ Դա նրա ֆրանսիացի ընկերներն են նրան ասել։ Նա ինքը ֆրանսերեն այնքան էլ լավ չի կարդում։ Նա քո չափ տաղանդավոր չէր, չէ՞, Ռոբերտ։ Ինչ ես կարծում, նա էլ կարիք ունեցե՞լ է նյութ որոնելու։ Եվ քո կարծիքով նա ի՞նչ էր ասում իր սիրուհիներին, երբ չէր ուզում ամուսնանալ։ Հետաքրքիր է, նա նո՞ւյնպես լաց էր լինում։ Օհ, ահա թե ինչ անցավ մտքովս։ ― Նա շուրթերին մոտեցրեց ձեռնոցով ձեռքը։ ― Ջեյք, ես գիտեմ, թե Ռոբերտն ինչու չի ուզում ամուսնանալ ինձ հետ։ Հիմա հանկարծ հասկացա։ Ինձ համար այդ հայտնությունը եղավ «Սելեքտ» սրճարանում։ Իսկապես միստիկա։ Կգա ժամանակ, այստեղ հուշատախտակ կկախեն։ Ինչպես Լուրդում։ Ռոբերտ, ասե՞մ։ Դե, լսիր։ Դա շատ պարզ բան է։ Զարմանում եմ, թե ինչո՞ւ առաջ գլխի չեմ ընկել։ Բանն այն է, որ Ռոբերտը միշտ ուզեցել է սիրուհի ունենալ, ու եթե նա ինձ հետ չէր ամուսնանում, ուրեմն սիրուհի ուներ։ Կասեին․ «Նա արդեն երկու տարի է, նրա սիրուհին է»։ Իսկ եթե ամուսնանար, ինչպես որ խոստացել էր, դրանով էլ ռոմանտիկան կվերջանար։ Չե՞ք կարծում, որ ես շատ ճիշտ գտա պատճառը։ Այդպես է որ կա։ Դե, նայեք նրան ու ասեք, որ դա այդպես չէ։ Ջեյք, ո՞ւր եք գնում։

― Պետք է մտնեմ բար ու տեսնեմ Հարվի Սթոնին։

Կոնը նայեց ինձ, երբ դուրս էի գալիս։ Նա շատ գունատ էր։ Ինչո՞ւ էր նա այստեղ նստել։ Ինչո՞ւ էր նստել ու լսում այս ամենը։

Ներսում, բարին հենված կանգնել ու տեսնում էի նրանց պատուհանից։ Ֆրենսիսը դեռ շարունակում էր խոսել՝ բայց ժպիտով նայելով ուղիղ նրա աչքերի մեջ ու ամեն անգամ հարցնելով․ «Այդպես չէ՞, Ռոբերտ»։ Կամ գուցե հիմա այլևս չե՞ր հարցնում։ Գուցե հիմա արդեն ուրի՞շ բան էր խոսում։ Բարմենին ասացի, որ ոչինչ չեմ ուզում խմել ու դուրս եկա մյուս դռնից։ Դուրս գալիս ետ նայեցի և կրկնակի ապակիների միջով տեսա նրանց սեղանի մոտ նստած։ Ֆրենսիսը դեռ խոսում էր։ Նրբանցքով քայլեցի դեպի Ռասպայ բուլվար։ Տաքսի հանդիպեց, կանգնեցրի և վարորդին ասացի տանս հասցեն։


Գլուխ Յոթերորդ

Երբ բարձրանում էի աստիճաններով, դռնապանուհին բախեց իր փոքրիկ խցիկի ապակե պատուհանը․ կանգ առա, նա դուրս եկավ և մոտեցավ ինձ մի քանի նամակներ ու մի հեռագիր ձեռքին։

― Ահա ձեր փոստը։ Ձեզ մի տիկին էր եկել այցելության։

― Նա իր այցետոմսը թողե՞ց։

― Ոչ։ Նա ինչ֊որ պարոնի հետ էր։ Դա այն կինն էր, որ եկել էր այս գիշեր։ Գիտեք, պարզվեց, որ նա շատ հաճելի կին է։

― Նա իմ ծանոթներից որևէ մեկի հե՞տ էր։

― Չգիտեմ։ Այդ պարոնը առաջ երբեք այստեղ չի եկել։ Նա շատ խոշոր էր։ Շատ, շատ խոշոր։ Իսկ կինը շատ հաճելի էր։ Շատ, շատ լավիկը։ Գիշերը նա երևի մի քիչ․․․ ― նա գլուխը հենեց ձեռքին ու սկսեց ետ ու առաջ ճոճվել։ ― Ասեմ ձեզ անկեղծ, մսյո Բարնս։ Գիշերը նա ինձ այնքան էլ gentille[7] չթված, և նրա մասին բոլորովին այլ կարծիք կազմեցի։ Բայց լսեք, թե ինչ եմ ասում։ Նա շատ, շատ լավիկն է։ Իսկույն երևում է, որ լավ ընտանիքից է։

― Նրանք ոչինչ չասացի՞ն։

― Ասացին, որ մի ժամից նորից կգան։

― Երբ գան, ասացեք, որ բարձրանան ինձ մոտ։

― Լավ, մսյո Բարնս։ Իսկ այդ կինը, այդ կինը սովորական կին չէ։ Գուցե մի քիչ էքսցենտրիկ է, բայց պատահական մեկը չէ․․․

Այս դռնապան կինը, մինչև դռնապան դառնալը խմիչքների կրպակ ուներ ձիարշավարանում։ Նրա աշխատանքը ներքևում նստածների հետ էր, բայց դա նրան չէր խանգարում, որ մանրամասն ուսումնասիրեր օթյակներում նստածներին, և նա հպարտությամբ հայտնում էր ինձ, թե ինձ մոտ եկողներից ով է բարեկիրթ, լավ դաստիարակություն ստացած, ով է լավ ընտանիքից սերում, ով է սպորտսմեն․ սպորտսմեն բառը նա արտասանում էր մի տեսակ ռնգային, շեշտը դնելով վերջին վանկի վրա։ Դրա միակ անհարմարությունն այն էր, որ նշված կատեգորիաներից ոչ մեկին չպատկանող մարդիկ զրկվում էին ինձ տեսնելու հնարավորությունից, ամեն անգամ լսելով, որ մսյո Բարնսը տանը չէ։ Ընկերներիցս մեկը, բավական թերսնված տեսքով մի նկարիչ, որը հավանաբար տիկին Դյուզինելի աչքում ոչ լավ դաստիարակություն ստացած էր, ոչ լավ ընտանիքից ու ոչ էլ սպորտսմեն, ինձ նամակ գրեց խնդրելով, որ իր համար անցաթուղթ հայթայթեմ, որպեսզի հնարավորություն ունենա դռնապանուհու մոտ անցնելու, եթե պատահի երեկոներն ուզենա գա ինձ այցելության։

Բարձրացա բնակարանս, ջանալով հասկանալ, թե Բրեթն ինչով էր գերել այս տիկնոջը։ Հեռագիրը Բիլ Գորթոնից էր, նա հայտնում էր, որ գալիս է «Ֆրանսիա» շոգենավով։ Նամակներս թողեցի սեղանին, մտա լողասենյակ, հանվեցի և լոգանք ընդունեցի։ Երբ սրբվում էի, լսեցի մուտքի դռան զանգը։ Հագա լողախալաթս ու մաշիկներս և մոտեցա դռանը։ Բրեթն էր։ Նրա ետև կանգնած էր կոմսը։ Ձեռքին մի մեծ փունջ վարդեր։

― Հելլո, սիրելիս, ― ասաց Բրեթը։ ― Դուք մեզ ներս չե՞ք հրավիրի։

― Համեցեք։ Հենց նոր լողանում էի։

― Երջանիկ մարդ։ Լողանում էր։

― Միայն լոգանք ընդունեցի։ Նստեցեք, կոմս Միպպիպոպուլո։ Ի՞նչ կխմեիք։

― Չգիտեմ, սըր, սիրո՞ւմ եք դուք ծաղիկներ, թե ոչ, ― ասաց կոմսը, ― սակայն ինձ թույլ եմ տվել ձեզ համար վարդեր բերել։

― Ինձ տվեք դրանք։ ― Բրեթը վերցրեց վարդերը, ― Ջեյք, մի քիչ ջուր լցրեք այստեղ։

Գնացի խոհանոց, ջուր լցրեցի մեծ կավե սափորի մեջ, և Բրեթը, վարդերը տեղավորելով սափորի մեջ, դրեց այն ճաշասեղանի ուղիղ մեջտեղում։

― Ի՜նչ օր ենք անցկացրել։

― Դուք, իհարկե, չեք հիշում, որ պայմանավորվել էինք հանդիպել «Քրիյոնում»։

― Ոչ։ Մի՞թե պայմանավորվել էինք։ Ուրեմն սարսափելի հարբած եմ եղել։

― Այո, դուք իսկապես հարբած էիք, սիրելիս, ― ասաց կոմսը։

― Հարբած, այնպես չէ՞։ Իսկ կոմսն իրեն հիանալի էր պահում։

― Դռնապանուհիս հիմա հիացած է ձեզնով։

― Իհարկե, կհիանա։ Երկու հարյուր ֆրանկ եմ տվել։

― Կատարյալ հիմարություն։

― Նրա ֆրանկներից, ― ասաց Բրեթը, գլխով ցույց տալով կոմսին։

― Կարծում եմ, որ հարկավոր էր նրան մի բան տալ այս գիշերվա անհանգստության համար։ Չէ՞ որ շատ ուշ էր։

― Այս մարդը սքանչելի է, ― ասաց Բրեթը։ ― Եվ ո՞ւմ է դա պետք։ Լսեք, Ջեյք, վերջապես մեզ խմելու բան տալու եք, թե՞ ոչ։

― Ինքներդ հանեք խմիչքը, իսկ ես կհագնվեմ։ Դուք հո գիտեք ինչը որտեղ է։

― Այո, իհարկե։

Մինչ հագնվում էի, լսեցի ինչպես Բրեթը հանեց ու սեղանին դրեց բաժակները և սիֆոնը, իսկ հետո լսեցի նրանց ձայները։ Մահճակալին նստած հագնվում էի դանդաղ։ Ինձ զգում էի հոգնած, հոգիս տակնուվրա եղած։ Բրեթը սենյակս մտավ բաժակը ձեռքին ու նստեց մահճակալիս։

― Ի՞նչ է պատահել, սիրելիս։ Տրամադրությունդ վա՞տ է։

Նա պաղ շուրթերով համբուրեց ճակատս։

― Օհ, Բրեթ, քեզ սիրում եմ, սիրում։

― Սիրելիս, ― ասաց նա։ Հետո ավելացրեց։ ― Ուզո՞ւմ ես նրան մի տեղ ուղարկեմ։

― Ոչ, նա շատ լավն է։

― Հիմա նրան մի տեղ կուղարկեմ։

― Ոչ, ոչ, պետք չէ։

― Այո, նրան մի տեղ կուղարկեմ։

― Չի կարելի այդպես, միանգամից։

― Կարծում ես չի՞ կարելի։ Դու մնա այստեղ։ Նա խենթանում է ինձ համար, քեզ բան եմ ասում։

Բրեթը դուրս եկավ սենյակից։ Ես երեսնիվայր փռվեցի մահճակալին։ Ինձ համար շատ ծանր էր։ Լսում էի նրանց ձայները, բայց ականջ չէի դնում։ Բրեթը ներս եկավ ու նստեց մահճակալիս։

― Իմ խեղճ, իմ սիրելի տղա, ― նա շոյեց գլուխս։

― Նրան ի՞նչ ասացիր։ ― Պառկած էի երեսս շրջած, չէի ուզում նրան տեսնել։

― Ուղարկեցի, որ շամպայն բերի։ Նա սիրում է շամպայն գնել։

Հետո քիչ անց ավելացրեց․

― Ինչպե՞ս ես զգում քեզ հիմա, սիրելիս։ Գլխացավդ մի քիչ թեթևացա՞վ։

― Հիմա ավելի լավ եմ։

― Հանգիստ պառկիր։ Նա գնացել է քաղաքի մյուս ծայրը։

― Մի՞թե մենք չենք կարող միասին ապրել, Բրեթ։ Պարզապես միասին ապրել։

― Կարծում եմ՝ ոչ։ Ես քեզ ամեն քայլափոխի կդավաճանեի։ Դու դրան չէիր դիմանա։

― Բայց հիմա դիմանո՞ւմ եմ։

― Դա նույնը չէ։ Եվ չենք կարող իմ պատճառով, Ջեյք։ Ի՞նչ անեմ, ես էլ այս տեսակ եմ ծնվել։

― Իսկ եթե որոշ ժամանակ հեռանա՞նք քաղաքից։

― Դրանից ոչինչ չի փոխվի։ Գնանք, եթե ուզում ես։ Բայց ես չեմ կարող հանգիստ ապրել քաղաքից դուրս։ Նույնիսկ իմ սիրելիի հետ։

― Գիտեմ։

― Սա սոսկալի է։ Կարծում եմ, պետք չունեմ քեզ ասելու, որ սիրում եմ քեզ։

― Դու գիտես, քեզ սիրում եմ։

― Արի չխոսենք այդ մասին։ Խոսքերն անիմաստ են։ Ես մեկնելու եմ, հեռու կլինեմ քեզնից, և հետո՝ Մայքլն էլ վերադառնում է։

― Ինչո՞ւ ես մեկնում։

― Այդպես ավելի լավ կլինի քեզ համար։ Եվ ինձ համար։

― Ե՞րբ ես մեկնում։

― Որքան կարելի է շուտ։

― Ո՞ւր։

― Սան֊Սեբաստիան։

― Իսկ եթե միասին գնա՞նք։

― Ոչ։ Դա արդեն կատարյալ հիմարություն կլինի այսքան այս մասին խոսելուց հետո։

― Մենք ոչ մի համաձայնության չեկանք։

― Օհ, դու ինքդ էլ շատ լավ հասկանում ես։ Մի համառիր, սիրելիս։

― Օհ, իհարկե, ― ասացի։ ― Գիտեմ, որ դու իրավացի ես։ Պարզապես տրամադրությունս ընկավ, իսկ երբ տրամադրությունս ընկնում է, միշտ հիմարություններ եմ դուրս տալիս։

Պառկածս տեղից վեր կացա և նստեցի, կռացա, գտա կոշիկներս մահճակալիս մոտ, հագա և ոտքի կանգնեցի։

― Այդպես մի նայիր, սիրելիս։

― Իսկ ինչպե՞ս ես ուզում, որ նայեմ։

― Հիմարություններ մի արա։ Վաղը ես մեկնում եմ։

― Վա՞ղը։

― Այո։ Մի՞թե չասացի։ Վաղը։

― Գնանք խմենք, ուրեմն։ Կոմսը հիմա կվերադառնա։

― Այո, պետք է որ արդեն վերադառնա։ Գիտես, նա մի զարմանալի ձևով է շամպայն գնում։ Դա նրա համար շատ կարևոր բան է։

Գնացինք ճաշասենյակ։ Վերցրի բրենդիի շիշն ու լցրի ինձ ու Բրեթի համար։ Դռան զանգը տվեցին։ Գնացի բացելու։ Կոմսն էր։ Նրա ետև կանգնած էր վարորդը մի զամբյուղ շամպայն ձեռքին։

― Որտե՞ղ դնենք, սըր, ― հարցրեց կոմսը։

― Խոհանոցում, ― ասաց Բրեթը։

― Տարեք այնտեղ, Հենրի, ― ձեռքով ցույց տվեց կոմսը։ ― Իսկ հիմա ցած իջեք և սառույց բերեք։

Նա կանգնած նայում էր, ինչպես էին զամբյուղը տեղավորում խոհանոցում։

― Հուսով եմ, գինի ձեզ դուր կգա, ― ասաց նա։ ― Գիտեմ, որ հիմա մեզ մոտ, Ամերիկայում, հազվադեպ է հաջողվում լավ գինի գտնել, և ինձ գիտակ չեմ համարում այս գործում։ Բայց սա ես գնեցի մի ծանոթից, որն զբաղվում է գինեգործությամբ։

― Օհ, դուք ամեն տեղ ծանոթներ ունեք, ― ասաց Բրեթը։

― Այդ երիտասարդն իր խաղողի այգիներն ունի։ Մի քանի հազար ակր։

― Ինչպե՞ս են նրան կոչում, ― հարցրեց Բրեթը։ ― Veuve Gliguot?[8]

― Ոչ, ― պատասխանեց կոմսը։ ― Մումմ։ Նա բարոն է։

― Հիանալի է, ― ասաց Բրեթը։ ― Բոլորս տիտղոսներ ունենք։ Իսկ դուք, Ջեյք, ինչո՞ւ տիտղոս չունեք։

― Հավատացնում եմ ձեզ, սըր, ― կոմսը թեթևակի դիպավ թևիս, ― տիտղոսից ոչ մի օգուտ չկա։ Ավելի շատ դա մարդուն ծախսի տակ է գցում։

― Չգիտեմ, չէի ասի։ Երբեմն դա շատ հարմար է, ― ասաց Բրեթը։

― Ինձ դրանից երբեք ոչ մի օգուտ չի եղել։

― Դուք դրանից օգտվել չգիտեք։ Իմ տիտղոսն ինձ միշտ մեծ վարկի հնարավորություն է տվել։

― Նստեցեք, կոմս, ― ասացի ես։ ― Թույլ տվեք վերցնել ձեր ձեռնափայտը։

Գազի լամպով լուսավորված սեղանի վրայով կոմսը նայում էր Բրեթին։ Բրեթը սիգարետ էր ծխում և մոխիրը թափ տալիս գորգին։ Տեսնելով, որ ես այդ նկատեցի, նա ասաց,

― Լսեք, Ջեյք, ես չեմ ուզում ձեր գորգը փչացնել։ Չէի՞ք կարող ինձ մոխրաման տալ։

Գտա մի քանի մոխրաման և շարեցի նրա շուրջը։ Եկավ վարորդը, ձեռքին մի դույլ սառույց, վրան աղ լցրած։

― Երկու շիշ դրեք դրա մեջ, Հենրի, ― կարգադրեց կոմսը։

― Ուիրշ ի՞նչ կկամենաիք, պարոն։

― Ոչինչ։ Սպասեք մեքենայի մեջ, ներքևում։ ― Նա դարձավ մեզ՝ ինձ ու Բրեթին։ ― Գնա՞նք Բուլոնյան անտառ ճաշելու։

― Եթե ուզում եք, ― ասաց Բրեթը։ ― Ես որ ուտել չեմ ուզում։

― Իսկ ես համեղ ուտել միշտ սիրում եմ, ― ասաց կոմսը։

― Գինի բերե՞մ, պարոն, ― հարցրեց վարորդը։

― Այո, Հենրի, բերեք, ― ասաց կոմսը։

Նա հանեց խոզի կաշվից պատրաստած ծանր ծխախոտատուփն ու մեկնեց ինձ։ ― Իսկական ամերիկյան սիգար չէի՞ք կամենա։

― Շնորհակալ եմ, ― ասացի ես։ ― Իմ սիգարետը կծխեմ կվերջացնեմ։

Նա սիգարի ծայրը կտրեց ժամացույցի շղթայի մյուս ծայրից կախված ոսկե կտրիչով։

― Սիրում եմ, երբ սիգարը լավ է քաշվում, ― ասաց կոմսը։ ― Սիգարների մեծ մասը լավ չեն քաշվում։

Նա սիգարը վառեց և ծուխը բաց թողնելով շարունակում էր սեղանի վրայով նայել Բրեթին։

― Երբ ապահարզան ստանաք, լեդի Էշլի, այլևս տիտղոս չեք ունենա։

― Չեմ ունենա։ Սարսափելի բան։

― Ոչ, ― ասաց կոմսը։ ― Ձեզ տիտղոս պետք չէ։ Ձեր տոհմիկ լինելն առանց այն էլ երևում է։

― Շնորհակալ եմ։ Դուք շատ սիրալիր եք։

― Այո, լուրջ եմ ասում, ― ասաց կոմսը, բերանից ծխի մի ամպ բաց թողնելով։ ― Ես դեռ ուրիշ մի տիկին չեմ տեսել, որ այնքան ազնվական տեսք ունենա, որքան դուք։ Իսկ ձեր մեջ դա կա։ Այս է ասածս։

― Դուք չափազանց սիրալիր եք, ― ասաց Բրեթը։ ― Մայրիկս իրեն շատ շոյված կզգա։ Միգուցե դուք դա գրեիք, իսկ ես ուղարկե՞ի նրան նամակով։

― Ես նրան այդ կասեի, ― պատասխանեց կոմսը։ ― Կատակ չեմ անում։ Ես երբեք մարդկանց չեմ ծաղրում։ Մարդկանց ծաղրել, թեկուզ կատակով, նշանակում է թշնամիներ շահել։ Դա ես միշտ եմ ասում։

― Դուք իրավացի եք, ― ասաց Բրեթը։ ― Դուք չափազանց իրավացի եք։ Ես միշտ կատակով ծաղրում եմ մարդկանց, և դրա համար էլ Ջեյքից բացի ոչ մի ընկեր չունեմ աշխարհում։

― Նրան դուք չեք ծաղրում։

― Այո։

― Իսկ գուցե, համենայն դեպս, նրա՞ն էլ եք մի քիչ ծաղրում, ― հարցրեց կոմսը։

Բրեթը նայեց ինձ, և նրա աչքերի անկյուններում կնճիռներ գոյացան։

― Ոչ, ― ասաց նա։ ― Նրան ես չէի ծաղրի։

― Ահա տեսնում եք, ― ասաց կոմսը, ― դուք նրան չեք ծաղրում։

― Օհ, ինչ ձանձրալի խոսակցություն է, ― ասաց Բրեթը։ ― Ինչ եք կարծում, շամպայն չխմե՞նք։

Կոմսը կռացավ և շարժեց փայտե դույլի մեջ դրված շշերը։

― Դեռ չի սառել։ Դուք անընդհատ խմում եք, սիրելիս։ Ինչո՞ւ չեք ուզում մի քիչ հենց այնպես խոսել։

― Արդեն շատ եմ խոսել։ Ինչ կար֊չկար ասել եմ Ջեյքին։

― Սիրելիս, ես կուզեի լսել, թե դուք իսկապես ինչպես եք խոսում։ Ինձ հետ խոսելիս, դուք երբեք սկսած խոսքը չեք ավարտում։

― Թողնում եմ, որ դուք ավարտեք։ Եվ թող ամեն մեկն ավարտի այնպես, ինչպես ինքն է ցանկանում։

― Շատ հետաքրքիր ձև է։ ― Կոմսը նորից կռացավ և թափահարեց շշերը։ ― Բայց, այնուամենայնիվ, ես կուզեի լսել, թե դուք ինչպես եք խոսում։

― Սա հիմա՞ր է, ինչ է, ― հարցրեց Բրեթը։

― Ահա, ― կոմսը մի շիշ հանեց դույլից, ― կարծում եմ, արդեն սառն է։

― Բերեցի սրբիչ, և նա լավ չորացրեց շիշն ու բարձրացրեց․

― Շամպայն սիրում եմ խմել մեծ շշերից։ Այդ շամպայնն ավելի լավն է, բայց սառեցնելն է դժվար։ ― Նա շիշը ձեռքն էր առել ու նայում էր։

Ես հանեցի բաժակները։

― Միգուցե շիշը կբացեի՞ք, ― առաջարկեց Բրեթը։

― Իհարկե, իսրելիս։ Հիմա կբացեմ։

Իսկապես, հիանալի շամպայն էր։

― Ա՛յ սա գինի է, ― բաժակը բարձրացնելով ասաց Բրեթը։ ― Պետք է ինչ֊որ բանի կենաց խմել։ Խմենք, օրինակ, «Նորին մեծության կենացը»։

― Այս գինի շատ է լավը կենաց խմելու համար, սիրելիս։ Պետք չէ այս գինուն կրքեր խառնել։ Համը կփչանա։

Բրեթի բաժակը դատարկ էր։

― Կոմս, դուք պետք է գիրք գրեք գինիների մասին, ― ասացի ես։

― Պարոն Բարնս, ― պատասխանեց կոմսը։ ― Ես գինուց միայն մի պահանջ ունեմ՝ վայելելու հաճույք։

― Դե, ուրեմն, մի քիչ էլ վայելենք, ― Բրեթը առաջ հրեց իր բաժակը։ Կոմսը զգուշությամբ լցրեց այն։

― Ահա, սիրելիս։ Սա դանդաղ վայելեք, իսկ հետո կարող եք և խմել ու հարբել։

― Հարբե՞լ։ Հարբե՞լ։

― Սիրելիս, դուք շատ հմայիչ եք հարբած։

― Մի լսեք, թե ի՜նչ է ասում։

― Պարոն Բարնս, ― կոմսը լցրեց իմ բաժակը, ― սա աշխարհում իմ ճանաչած կանանցից միակ կինն է, որ հավասարապես հմայիչ է և հարբած, և սթափ վիճակում։

― Երևում է այնքան էլ շատ բան չեք տեսեկ կյանքում։

― Ոչ, սիրելիս։ Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում, շա՜տ, չափազանց շատ բան։

― Լավ, խմեք ձեր գինին, ― ասաց Բրեթը։ ― Բոլորս էլ շատ բան ենք տեսել մեր կյանքում։ Կարող եմ ասել, որ Ջեյքը ձեզնից պակաս չի տեսել։

― Սիրելիս, ես համոզված եմ, որ պարոն Բարնսը շատ բան է տեսել։ Չմտածեք, պարոն, թե ես այլ կարծիքի եմ։ Բայց ես էլ եմ շատ բան տեսել։

― Իհարկե, տեսել եք, սիրելիս, ― ասաց Բրեթը։ ― Ես պարզապես կատակ արեցի։

― Ես մասնակցել եմ յոթ պատերազմի և չորս հեղափոխության, ― ասաց կոմսը։

― Կռվե՞լ եք, ― հարցրեց Բրեթը։

― Եբերմն, սիրելիս։ Եվ վիրավորվել եմ նետերից։ Դուք երբևէ նետից առաջացած վերք տեսե՞լ եք։

― Ցույց տվեք։

Կոմսը վեր կացավ, արձակեց բաճկոնի կոճակները և բարձրացրեց վերնաշապիկը։ Ապա վեր քաշեց ներքնաշապիկը և բացեց սև կուրծքն ու որովայնի զորեղ մկանները, որ դուրս ցցված էին երևում գազի լույսի տակ։

― Տեսնո՞ւմ եք։

Կողերից մի փոքր ցած երկու սպի կար։

― Դե հիմա նայեք, թե դրանք որտեղից են դուրս եկել։

Գոտկատեղից վերև մատի հաստության երկու նույնպիսի սպի կար։

― Այո։ Այ թե վերքեր են։

― Ծակել դուրս է եկել։

Կոմսը տաբատի մեջ էր մտցնում վերնաշապիկը։

― Այս վերքերը որտե՞ղ եք ստացել, ― հարցրեցի ես։

― Հաբեշստանում։ Քսանմեկ տարեկան էի։

― Ի՞նչ գործ ունեիք այնտեղ, ― հարցրեց Բրեթը։ ― Բանակո՞ւմ էիք։

― Գնացել էի իմ գործերով, սիրելիս։

― Ասում էի ձեզ, չէ՞, որ նա մերոնցից է, ― դարձավ ինձ Բրեթը։ ― Սիրում եմ ձեզ, կոմս։ Դուք սքանչելի եք։

― Ես երջանիկ եմ, սիրելիս։ Սակայն դա ճիշտ չէ։

― Հիմար մի լինեք։

― Հասկանում եք, պարոն Բարնս, հենց նրա համար, որ կյանքում շատ բան եմ տեսել, հիմա կարող եմ այսպես լավ վայելել կյանքը։ Դուք այդպես չե՞ք մտածում։

― Այո, միանգամայն ճիշտ եք։

― Այդպես է, ― ասաց կոմսը։ ― Հենց այդ է գաղտնիքը։ Պետք է կարողանաս գտնել, հասկանալ իսկական արժեքները։

― Իսկ ձեր այդ արժեքներին երբեք ոչինչ չի՞ պատահում, ― հարցրեց Բրեթը։

― Ոչ, այլևս չի պատահում։

― Երբեք չե՞ք սիրահարվում։

― Միշտ, ― ասաց կոմսը։ ― Ես միշտ սիրահարված եմ։

― Եվ ինչպե՞ս է դա անդրադառնում ձեր արժեքների վրա։

― Նա մտնում է իմ արժեքների մեջ։

― Դուք ոչ մի արժեքներ էլ չունեք։ Դուք մեռած եք, ահա թե ինչ։

― Ոչ, սիրելիս։ Սխալվում եք։ Ես ամենևին էլ մեռած չեմ։

Խմեցինք երեք շիշ շամպայն, և կոմսը զամբյուղը թողեց իմ խոհանոցում։ Ճաշեցինք Բուլոնյան անտառի ռեստորաններից մեկում։ Հիանալի ճաշ էր։ Ուտելիքը նույնպես իր պատվավոր տեղն ուներ կոմսի արժեքների մեջ։ Ինչպես գինին։ Ճաշի ընթացքում կոմսն արտակարգ տրամադրության մեջ էր։ Բրեթը նույնպես շատ ուրախ էր։ Հաճելի երեկո եղավ։

― Դուք ո՞ւր եք ուզում գնալ, ― հարցրեց կոմսը։

Ռեստորանում արդեն մնացել էինք միայն մենք։ Երկու մատուցողն էլ կանգնած էին դռանը հենված։ Ուզում էին տուն գնալ։

― Կարելի է գնալ Մոնմարթր, ― ասաց Բրեթը։ ― Շատ լավ երեկո անցկացրինք, չէ՞։

Կոմսի դեմքը փայլում էր։ Նա չափազանց գոհ էր։

― Դուք հիանալի մարդիկ եք, ― ասաց նա։ Նա նորից արդեն սիգար էր ծխում։ ― Ինչո՞ւ չեք ամուսնանում։

― Ուզում ենք ամենքս մեր ձևով ապրել, ― ասացի։

― Չենք ուզում մեկս մյուսի կարիերան փչացնել, ― ասաց Բրեթը։ ― Դե, գնանք այստեղից։

― Էլի կոնյակ խմեք, ― ասաց կոմսը։

― Կխմենք Մոնմարթրում։

― Ոչ, խմեք այստեղ։ Այստեղ այնպիսի լռություն է։

― Գրողի ծոցը գնացեք ձեր այդ լռույան հետ, ― ասաց Բրեթը։ ― Չես հասկանում, թե ինչու են տղամարդիկ միշտ լռություն սիրում։

― Մեզ դուր է գալիս լռությունը, ― ասաց կոմսը, ― ինչպես ձեզ, սիրելիս, դուր է գալիս աղմուկը։

― Լավ, ― ասաց Բրեթը։ ― Խմենք այստեղ։

― Մատուցո՛ղ, ― կանչեց կոմսը։

― Հազար ութ հարյուր տասնմեկ թվականի, պարոն։

― Բերեք մի շիշ։

― Լսեք, ցուցամոլություն պետք չէ, ետ կանչեք մատուցողին, Ջեյք։

― Լսեք, սիրելիս։ Հին կոնյակին փող տալ արժե, շատ ավելի, քան որ տվել եմ իմ մյուս հնություններին։

― Իսկ դուք հնություններ շա՞տ ունեք։

― Տունս լիքն է։

Վերջապես գնացինք Մոնարթր։ Զելիի մոտ նորից մարդ շատ էր հավաքված, ծուխ էր ու աղմուկ։ Ներս մտնելուն պես երաժշտությունն ականջ ծակեց։ Ես ու Բրեթը պարում էինք։ Այնպիսի նեղվածք էր, որ հազիվ էինք շարժվում։ Թմբուկ խփող նեգրը ձեռքով արեց Բրեթին։ Շարժվել հնարավոր չէր, մեզ այնպես էին սեղմել, որ պարում էինք կանգնած տեղում, ուղիղ այդ նեգրի դիմաց։

― Գործեր ո՞նց։

― Հիանալի։

― Դե լավ։

Նեգրի միայն սպիտակ ատամներն ու կարմիր շրթունքներն էին երևում։

― Նա իմ լավ ընկերն է, ― ասաց Բրեթը։ ― Եվ հիանալի թմբկահար է։

Երաժշտությունը լռեց, և մենք շարժվեցինք դեպի սեղանը, որի մոտ նստած էր կոմսը։ Հետո նորից երաժշտություն սկսվեց ու գնացինք պարելու։ Նայեցի կոմսին։ Նա սեղանի մոտ նստած սիգար էր ծխում։ Երաժշտությունը լռեց։

― Գնանք նրա մոտ։

Բրեթը քայլեց դեպի սեղանը։ Սակայն նորից հնչեց երաժշտությունը, և մենք նորից սկսեցինք պարել իրար սեղմված, մարդկանց բազմության մեջ։

― Ջեյք, դու պարել չգիտես։ Ամենից լավ պարում է Մայքլը։

― Նա հիանալի է պարում։

― Եվ ոչ միայն դա, նա ուրիշ շատ արժանիքներ էլ ունի։

― Նա ինձ դուր է գալիս, ― ասացի։ ― Կարելի է ասել սիրում եմ նրան։

― Նրա հետ պիտի ամուսնանամ, ― ասաց Բրեթը։ ― Զարմանալի է, մի շաբաթ կլինի չէի մտածել նրա մասին։

― Դու նրան չե՞ս գրում։

― Ոչ, ես երբեք նամակ չեմ գրում։

― Բայց նա, իհարկե, գրում է։

― Այո, և շատ լավ նամակներ։

― Ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ։

― Ի՞նչ իմանամ։ Հենց որ ապահարզան ստանամ։ Մայքլը փորձում է մորը համոզել, որ փող տա այդ գործի համար։

― Գուցե ե՞ս կարող եմ օգնել։

― Վերջ տուր։ Մայքլի ազգականները փող շատ ունեն։

Երաժշտությունը վերջացավ։ Մոտեցանք սեղանին։ Կոմսը վեր կացավ։

― Շատ հաճելի է, ― ասաց նա։ ― Ձեզ նայելը շատ հաճելի էր։

― Դուք չե՞ք պարում, կոմս, ― հարցրի ես։

― Ոչ։ Շատ եմ մեծ։

― Օ, վերջ տվեք, ― ասաց Բրեթը։

― Սիրելիս, ես կպարեի, եթե ինձ հաճույք պատճառեր։ Ես հաճույք եմ ստանում նայելով, թե դուք ինչպես եք պարում։

― Շատ լավ, ― ասաց Բրեթը։ ― Եթե առիթ լինի, նորից կպարեմ ձեզ համար։ Հա, իսկ ո՞ւր է ձեր այդ փոքրիկ ընկերը, Զիզին։

― Ահա թե ինչ ձեզ ինչ կասեմ։ Ես օգնում եմ այդ տղային, սակայն չեմ ուզում նրան իմ շրջապատում տեսնել։

― Նա դժվար դեպք է։

― Գիտեք, ինձ թվում է, նա մեծ ապագա կունենա, սակայն անձամբ ես նրան տեսնելու ցանկություն չունեմ։

― Ջեյքը նույնպես։

― Նա ինձ նյարդայնացնում է։

― Այո, ― ուսերը թոթվեց կոմսը։ ― Դժվար է ասել, թե նա ինչ կդառնա։ Ինչևէ, նրա հայրը իմ հոր լավ ընկերն է եղել։

― Գնանք պարենք, ― ասաց Բրեթը։

Պարում էինք։ Նորից նեղվածք էր և հրմշտոց։

― Օհ, սիրելիս, ― ասաց Բրեթը։ ― Ես այնքան դժբախտ եմ։

Հանկարծ մի շատ հստակ զգացում ունեցա․ ինձ թվաց, թե այդ ամենը արդեն եղել է ինչ֊որ ժամանակ։

― Մի րոպե առաջ դու երջանիկ էիր։

Թմբուկ զարկողը երգեց․ «Դու չես կարող դավաճանել»․․․

― Դա արդեն անցավ։

― Բայց ի՞նչ պատահեց։

― Չգիտեմ։ Պարզապես ինձ շատ վատ եմ զգում։

«․ ․ ․ ․ ․ ․ ․ ․», ― երգեց թմբուկ զարկողը։ Հետո նորից ձեռքն առավ փայտիկները։

― Ուզո՞ւմ ես գնանք։

Ես ասես մղձավանջի մեջ լինեի, կարծես ամեն ինչ կրկնվում էր, կարծես այս ամենի միջով մի անգամ արդեն անցել էի, սակայն ստիպված էի նորից անցնել։

«․ ․ ․ ․ ․ ․ ․ ․», ― մեղմ ձայնով երգեց թմբուկ զարկողը։

― Գնանք, ― ասաց Բրեթը։ ― Դեմ չե՞ս։

«․ ․ ․ ․ ․ ․ ․ ․», ― բարձր երգեց թմբուկ զարկողը և քմծիծաղով նայեց Բրեթին։

― Լավ, ― ասացի ես։

Մենք դուրս եկանք ամբոխի միջից։ Բրեթը գնաց հանդերձարան։

― Բրեթն ուզում է գնալ, ― ասացի կոմսին։

Նա գլխով արեց։

― Այո՞։ Շատ լավ։ Վերցրեք մեքենան։ Ես մի քիչ էլ կմնամ այստեղ, պարոն Բարնս։

Մենք իրար ձեռք սեղմեցինք։

― Հիանալի ժամանակ անցկացրի, ― ասացի ես։ ― Թույլ տվեք ինձ․․․ ― գրպանից հանեցի դրամապանակս։

― Ավելորդ է, պարոն Բարնս, ― ասաց կոմսը։

Բրեթը, մանթոն հագին, մոտեցավ սեղանին։ Նա համբուրեց կոմսին և, ձեռքը նրա ուսին դնելով, թույլ չտվեց նրան ոտքի կանգնել։ Երն դռնից դուրս էինք գալիս, ետ նայեցի ու տեսա, որ կոմսի սեղանի շուրջ արեն երեք աղջիկ էին նստած։ Մենք նստեցինք մեծ մեքենան։ Բրեթը վարորդին ասաց իր հյուրանոցի հասցեն։

― Ոչ, մի բարձրանա, ― ասաց նա մուտքի մոտ։

Նա զանգը տվեց և դուռը բացեցին։

― Իսկապե՞ս։

― Այո, պետք չէ։

― Բարի գիշեր, Բրեթ, ― ասացի։ ― Ցավում եմ, որ քեզ վատ ես զգում։

― Բարի գիշեր, Ջեյք։ Բարի գիշեր, սիրելիս։ Ես այլևս քեզ չեմ տեսնի։

Մենք համբուրվեցինք դռան մոտ։ Նա ինձ մի կողմ հրեց։ Նորից համբուրվեցինք։

― Պետք չէ, ― ասաց Բրեթը։

Նա արագ շրջվեց ու մտավ հյուրանոց։ Վարորդն ինձ տարավ տոն։ Նրան քսան ֆրանք տվեցի, նա ձեռքը տարավ գլխարկին ու ասաց․ «Բարի գիշեր, պարոն»։ Մեքենան շարժվեց։ Սեղմեցի դռան զանգը։ Դուռը բացվեց, բարձրացա իմ բնակարանը ու անկողին մտա։


Գիրք երկրորդ

Գլուխ ութերորդ

Այլևս Բրեթին չտեսա, մինչև Սան֊Սեբաստիանից նրա վերադառնալը։ Այնտեղից մի բացիկ ստացա։ Բացիկի վրա պատկերված էր Կոնչա ծովախորշը։ Բրեթը գրում էր․ «Սիրելիս։ Այստեղ շատ խաղաղ է և առողջարար։ Բարևիր տղաներին։ Բրեթ»։

Չէի տեսնում և Ռոբերտ Կոնին։ Լսել էի, որ Ֆրենսիսը մեկնել է Անգլիա, իսկ Կոնից մի երկտող էի ստացել, որով հայտնում էր, որ պատրաստվում է մի քանի շաբաթով քաղաքից մեկնել։ Ճիշտ է, ինքն էլ դեռ չգիտի, թե ուր, բայց և որ ուզում է անպայման ինձ հետ մեկնել Իսպանիա՝ ձուկ բռնելու, ինչպես պայմանավորվել էինք անցյալ ձմեռ։ Հասցեն, գրում էր նա, կարող եմ իմանալ իր բանկիրներից։

Բրեթը չկար։ Կոնը հոգիս չէր հանում իր դարդերով, ու նույնիսկ ուրախ էի, որ թենիս չեմ խաղում, աշխատանք շատ ունեի։ Հաճախ գնում էի ձիարշավի, ճաշում էի ընկերներիս հետ և երկար մնում էի աշխատելու խմբագրությունում, որպեսզի գործերս առաջ գցեմ և հունիսին Բիլլ Գորթոնի հետ Իսպանիա մեկնելիս կարողանամ ամեն ինչ թողնել քարտուղարի տնօրինությանը Բիլլ Գորթոնը վերադարձավ, մի քանի օր ապրեց ինձ մոտ և մեկնեց Վիեննա։ Նա շատ ուրախ էր և ասում էր, որ Նահանգներում հիանալի է։ Նյու֊Յորքը պարզապես հրաշալի է։ Թատերաշրջանը շատ լավ է անցել և միջին քաշի բռնցքամարտում մի ամբողջ խումբ երիտասարդ փայլուն բռնցքամարտիկներ են աճել։ Նրանցից յուրաքանչյուրից կարելի է ակնկալել, որ ավելի կաճեն, քաշ ձեռք կբերեն և կհաղթեն, նույնիսկ հենց Դեմփոսիին։ Բիլլը շատ ուրախ էր։ Իր վերջին գրքից բավական շատ փող էր ստացել և միտք ուներ շատ ավելին վաստակել։ Նրա Փարիզում եղած ժամանակ հիանալի ժամանակ անցկացրինք, որից հետո նա մեկնեց Վիեննա։ Երեք շաբաթից վերադառնալու էր և միասին մեկնելու էինք Իսպանիա՝ ձուկ բռնելու, իսկ հետո էլ Փամփլոնա՝ մասնակցելու ֆիեստային։ Նա գրում էր, որ Վիեննան հիասքանչ է։ Հետո մի բացիկ եկավ Բուդապեշտից․ «Ջեյք, Բուդապեշտը հիասքանչ է»։ Եվ հետո՝ հեռագիր․ «Վերադառնում եմ երկուշաբթի»։

Երկուշաբթի երեկոյան նա հայտնվեց։ Լսեցի, ինչպես կանգ առավ նրա տաքսին, մոտեցա լուսամուտին և ձայն տվեցի նրան։ Նա ձեռքով արեց և ճամպրուկներն առած սկսեց բարձրանալ սանդուղքով։ Գնացի ընդառաջ և ձեռքից վերցրի մի ճամպրուկը։

― Դե, ― ասացի, ― ուրեմն լա՞վ ճամբփորդեցիր։

― Հիանալի, ― ասաց նա։ ― Բուդապեշտն ուղղակի մի հիասքանչ քաղաք է։

― Իսկ Վիե՞ննան։

― Այնքան էլ լավը չէ, Ջեյք։ Այնքան էլ լավը չէ։ Այն իմ սպասածից ավելի վատը դուրս եկավ։

― Իսկ ի՞նչ է որ, ― ես հանում էի բաժակներն ու սիֆոնը։

― Հարբած էի, Ջեյք, հարբած էի։

― Տարօրինակ է։ Լավ, խմենք։

Բիլլը ճակատն էր տրորում։

― Զարմանալի բան է, ― ասաց նա։ ― Չգիտեմ, թե դա ինչպես պատահեց։ Բայց պատահեց և շատ անսպասելի։

― Եվ երկա՞ր տևեց։

― Չորս օր, Ջեյք։ Տևեց ուղիղ չորս օր։

― Որտե՞ղ էիր։

― Չեմ հիշում։ Քեզ բացիկ ուղարկեցի։ Դա շատ լավ եմ հիշում։

― Իսկ էլի ինչ֊որ բան արե՞լ ես։

― Վստահ չեմ։ Բայց հնարավոր է։

― Դե, շարունակիր պատմել։

― Չեմ կարողանում հիշել։ Պատմեցի, ինչ որ հիշում էի։

― Շարունակիր, շարունակիր։ Խմիր այս խմիչքը և հիշիր։

― Թերևս ինչ֊որ բան հիշեմ, ― ասաց Բիլլը։ ― Հիշում եմ բռնցքամարտիկների մրցումը։ Մեծ մրցում էր Վիեննայի մրցանակի համար։ Մասնակցում էր մի նեգր։ Նեգրին շատ լավ եմ հիշում։

― Շարունակիր։

― Հիանալի նեգր էր։ Նման էր Թայգեր Ֆլաուերսին, միայն նրանից մի չորս անգամ ավելի խոշոր էր։ Հանկարծ բոլորն սկսեցին ինչ֊որ բաներ շպրտել։ Բացի ինձնից։ Նեգրն այդ պահին գետին էր տապալել վիեննացի բռնցքամարտիկին։ Նեգրը բարձրացրեց ձեռնոցով ձեռքը։ Հավանաբար ուզում էր ճառ ասել։ Չափազանց վեհանձն տեսք ուներ այդ նեգրը։ Նա սկսեց խոսել։ Եվ այդ ժամանակ սպիտակ վիեննացին հարվածեց նրան։ Եվ նեգրը նրան նոկաուտ արեց։ Դրանից հետո բոլորն սկսեցին աթոռներ շպրտել։ Նեգրը մեծ մեքենայով գնաց տուն։ Չհասցրեց վերցնել իր շորերը և հագավ իմ վերարկուն։ Հիմա ամեն ինչ հիշեցի։ Հիշեցի այդ սպորտային երեկոն։

― Իսկ հետո ի՞նչ եղավ։

― Իմ շորերից մի քանի բան տվեցի նեգրին ու հետը գնացի, որ փողերն ստանանք։ Բայց մեզ ասացին, որ դեռ մի բան էլ նեգրն է իրենց պարտք դահլիճը փչացնելու համար։ Հետաքրքիր է, իսկ ո՞վ էր թարգմանում։ Մի՞թե ես։

― Հավանաբար ոչ։

― Ճիշտ է։ Իսկի էլ ես չէի։ Ուրիշ մեկն էր։ Մենք էլ դեռ նրան պրոֆեսոր էինք ասում։ Հիմա հիշեցի նրան։ Երաժշտություն էր սովորում։

― Էհ, հետո, վերջը ի՞նչ եղավ։

― Ոչ մի լավ բան, Ջեյք։ Ոչ մի տեղ արդարություն չկա։ Իմպրեսարիոն հայտարարեց, որ նեգրը խոստացել էր պարտվել տեղացի բռնցքամարտիկին։ Ասաց, որ նեգրը խախտել է պայմանագիրը։ Չի կարելի Վիեննայի բռնցքամարտիկին նոկաուտ անել հենց Վիեննայում։ «Աստված իմ, պարոն Գորթոն, ― ասաց նեգրը։ ― Ես քառասուն րոպե շարունակ փորձում էի պարտվել նրան։ Այդ սպիտակ տղան հավանաբար բոլորովին շարքից դուրս եկավ շարունակ ինձ հարվածելու փորձերից։ Ես նրան ոչ մի անգամ չհարվածեցի»։

― Փողը ստացա՞ք։

― Ոչ մի փող, Ջեյք։ Կարողացանք միայն նեգրի շորերը ստանալ։ Նրա ժամացույցն էլ էին վերցրել։ Հիանալի նեգր էր։ Իմ կողմից մեծ սխալ էր Վիեննա գնալը։ Իսկ քաղաքը չէ, Ջեյք։ Լավը չէ։

― Իսկ նեգրն ի՞նչ արեց։

― Վերադարձավ Քյոլն։ Ապրում է այնտեղ։ Ամուսնացած է։ Ընտանիք ունի։ Խոստացավ նամակ գրել և ուղարկել իմ պարտք տված փողը։ Հիանալի նեգր է։ Հուսով եմ, որ հասցես նրան ճիշտ եմ տվել։

― Այո, հավանաբար։

― Լավ, ամեն դեպքում գնանք մի բան ուտենք, ― ասաց Բիլլը։ ― Թե՞ ուզում ես, որ շարունակեմ ճամփորդական պատմություններս։

― Շարունակիր։

― Գնանք մի բան ուտենք։

Ցած իջանք ու դուրս եկանք Սեն֊Միշել բուլվար։ Տաք, հունիսյան երեկո էր։

― Ո՞ւր գնանք։

― Ուզո՞ւմ ես կղզում ճաշենք։

― Շատ լավ։

Բուլվարով քայլեցինք ցած։ Դեն֊ֆեր֊Ռոշերո փողոցի և Բուլվարի խաչմերուկում կա մի արձան՝ երկու տղամարդ ուսերին ծածանվող թիկնոցներով։

― Գիտեմ ովքեր են այս պարոնները, ― ասաց Բիլլը, նայելով արձաններին։ ― Սրանք են հորինել դեղաբանությունը։ Ինձ հիմարի տեղ չդնես, քո Փարիզը ես լավ գիտեմ։

Շարունակեցինք քայլել։

― Ահա խրտվիլակներ պատրաստող խանութը, ― ասաց Բիլլը։ ― Կուզե՞ս որևէ բան գնել։ Օրինակ շան խրտվիլակ։

― Գնանք, ― ասացի։ ― Դու չափից ավելի ես խմել։

― Սիրունիկ շնիկներ են, ― ասաց Բիլը։ ― Բնակարանդ շատ կգեղեցկացնեն։

― Գնանք։

― Միայն մի շնիկ, միայն մի խրտվիլակ շուն գնենք։ Ինձ համար դա, իհարկե, միևնույն է։ Բայց լսիր, Ջեյք, մի շնիկ, միայն մեկը։

― Գնացինք։

― Դու որ այդ շնիկը գնես, ախր դրան շատ ես սիրելու։ Դա սովորական արժեքափոխանակություն է։ Դու փող ես տալիս, քեզ տալիս են շան խրտվիլակ։

― Լավ, վերադառնալիս կգնենք։

― Ինչ ասեմ։ Թող քո ասածը լինի։ Դժոխքի ճանապարհը պատված է չգնված շան խրտվիլակներով։ Բայց դա իմ մեղքը չէ։

Շարունակեցինք մեր ճամփան։

― Ինչո՞ւ հանկարծ այդպես մեջդ սեր բուսնեց դեպի շները։

― Միշտ էլ շուն սիրել եմ։ Միշտ էլ կենդանիների խրտվիլակների սիրահար եմ եղել։

Կանգ առանք մի կրպակի մոտ ու խմեցինք։

― Խոսք չկա, խմել շատ եմ սիրում, ― ասաց Բիլլը։ ― Ջեյք, վատ չէր լինի, որ դու էլ փորձեիր։

― Դու մի հարյուր քառասունչորս միավորով առաջ ես ինձնից։

― Կարևորը՝ չընկճվես։ Երբեք, երբեք չընկճվես։ Դա է իմ հաջողության գաղտնիքը։ Երբեք չեմ ընկճվում։ Երբեք չեմ ընկճվում մարդկանց ներկայությամբ։

― Դու որտե՞ղ ես հասցրել խմել։

― Մտել եմ «Քրիյոն»։ Ժորժն ինձ համար մի երկու հիանալի կոքթեյլ պատրաստեց։ Ժորժը մեծ մարդ է։ Գիտե՞ս որն է նրա հաջողության գաղտնիքը։ Երբեք չի ընկճվում։

― Եթե դու մի երեք բաժակ էլ պեռնո խմես, հաստատ քեզ կկորցնես ու կընկճվես։

― Ոչ, մարդկանց մոտ՝ ոչ։ Հենց որ տեսնեմ ինձ կորցնում եմ, դուրս կգամ։ Ես կատվի նման եմ։

― Հարվի Սթոնին ե՞րբ ես տեսել։

― Վերջին անգամ «Քրիյոնում»։ Հարվին մի քիչ խեղճացած էր։ Երեք օր ոչինչ չէր կերել։ Ընդհանրապես ոչինչ չի ուտում։ Կյանքից հեռանում է կատվի նման։ Տխուր բան է։

― Վատ տղա չէ։

― Շատ լավն է։ Բայց դե լավ կլիներ նա այդպես կատվի նման չհեռանար։ Դա ինձ նյարդայնացնում է։

― Ի՞նչ անենք այսօր երեկոյան։

― Միևնույն է, թե ինչ։ Միայն թե տրամադրություններս չգցենք։ Իսկ թե որ սրանք պինդ խաշած ձու ունենան այստե՞ղ։ Եթե ունենան, էլ չարժի մինչև կղզի հասնել։

― Վերջ տուր, ― ասացի ես։ ― Կգնանք ու տեղի տեղին կճաշենք։

― Դե, ես իմ առաջարկն արեցի, ― ասաց Բիլլը։ ― Ուզո՞ւմ ես գնանք։

― Գնանք։

Շարունակեցինք մեր ճամփան Բուլվարով։ Մի կառք անցավ մեր կողքով։ Բիլլը նայեց կառքի ետևից։

― Տեսա՞ր այս բաց կառքը։ Ես դրա խրտվիլակը պատրաստել կտամ ու կնվիրեմ քեզ Ծննդյան տոնին։ Պետք է կենդանիների խրտվիլակներ նվիրեմ բոլոր ընկերներիս։ Ես բնասեր եմ։

Կողքներովս մի տաքսի անցավ։ Ինչ֊որ մեկը մեզ ձեռքով արեց, ապա նշան արեց վարորդին, որ կանգնի։ Մեքենան մոտեցավ մայթին և կանգնեց։ Մեքենայի մեջ էր Բրեթը։

― Չքնաղ լեդին, ― ասաց Բիլլը, ― պատրաստվում է մեզ առևանգել։

― Հելլո, ― ասաց Բրեթը, ― հելլո։

― Ծանոթացեք խնդրեմ։ Բիլլ Գորթոն, լեդի Էշլի։

Բրեթը ժպտաց Բիլլին։

― Ես հենց նոր եմ վերադարձել։ Չեմ հասցրել նույնիսկ լոգանք ընդունել։ Մայքլը գալիս է այսօր երեկոյան։

― Հիանալի է։ Գնանք միասին ճաշենք, հետո միասին էլ կգնանք նրան դիմավորելու։

― Չեմ կարող։ Պետք է լվացվեմ, փոխվեմ։

― Ոչինչ, գնանք։

― Անպայման պետք է լոգանք ընդունեմ։ Նա կգա ժամը իննից ոչ շուտ։

― Ուրեմն գնանք մի բան խմենք մինչև ձեր լոգանք ընդունելը։

― Կարելի է։ Խելքի մոտ բան ասացիք։

Նստեցինք տաքսի։ Վարորդը մեզ նայեց։

― Գնանք մոտակա բիստրոն, ― ասացի ես։

― Ավելի լավ է գնանք «Քլոզերի», ― ասաց Բրեթը։ ― Այստեղի զզվելի կոնյակը չեմ կարողանում խմել։

― «Քլոզերի դը Լիլա»։

Բրեթը դարձավ դեպի Բիլլը։

― Վաղո՞ւց եք այս խենթ քաղաքում։

― Այսօր եմ վերադարձել Բուդապեշտից։

― Բուդապեշտն ինչպես էր։

― Հիանալի։ Բուդապեշտում հիանալի էր։

― Հարցրեք նրան, թե Վիեննան ինչպես էր։

― Վիեննան, ― ասաց Բիլլը, ― տարօրինակ քաղաք է։

― Շատ նման է Փարիզին։ ― Բրեթը նրան ժպտաց, ու աչքերի անկյուններում կնճիռներ հավաքվեցին։

― Իսկապես էլ, ― ասաց Բիլլը, ― այս պահին որ շատ նման է Փարիզին։

― Լավ եք սկսել, ձեզ հասնելը դժվար կլինի։

Նստեցինք «Քլոզերի» սրճարանի բացօթյա սրահում։ Բրեթը պատվիրեց վիսկի սոդայով, ես նույնպես, իսկ Բիլլը՝ ևս մի գավաթ պեռնո։

― Ջեյք, ինչպե՞ս եք։

― Հիանալի, ― ասացի։ ― Ժամանակս շատ լավ անցկացրի։

Բրեթը նայեց ինձ։

― Հիմարություն էր գնալս, ― ասաց նա։ ― Ընդհանրապես Փարիզից հեռանալը հիմարություն է։

― Լա՞վ ժամանակ անցկացրիք։

― Ոչինչ։ Հետաքրքիր էր։ Բայց այնքան էլ ուրախ չէր։

― Որևէ մեկին հանդիպեցի՞ք։

― Ոչ, գրեթե ոչ մեկին։ Գրեթե դուրս չէի գալիս։

― Մի՞թե չէիք լողանում։

― Ոչ։ Ոչինչ չէի անում։

― Վիեննայի նման մի բան, ― ասաց Բիլլը։

Բրեթը նայեց նրան, դարձյալ աչքերի անկյունները կնճռոտելով։

― Ա, ահա թե ինչպես էր Վիեննայում։

― Վիեննայում և այսպես էր, և այնպես։

Բրեթը նորից ժպտաց նրան։

― Շատ հաճելի ընկեր ունեք, Ջեյք։

― Այո, լավն է, ― ասացի։ ― Նա զբաղվում է խրտվիլակներ պատրաստելով։

― Դա ուրիշ երկրում էր, ― ասաց Բիլլը։ ― Եվ հետո բոլոր այդ կենդանիները մեռյալներ էին։

― Եվս մի կում, ― ասաց Բրեթը, ― ու ես փախչում եմ։ Մատուցողին խնդրում եմ ուղարկեք տաքսիի։

― Տաքսիներն ահա շարված են ուղիղ մեր դիմաց։

― Լավ։

Խմեցինք մի վերջին անգամ ու Բրեթին նստեցրինք տաքսի։

― Չմոռանաք, ժամը տասի մոտ «Սելեքտ»։ Թող նա էլ գա։ Մայլն էլ է լինելու։

― Կգանք, ― ասաց Բիլլը։

Տաքսին շարժվեց, և Բրեթը ձեռքով արեց։

― Ա՜յ սա աղջիկ է, ― ասաց Բիլլը։ ― Չափազանց գեղեցիկ է։ Իսկ ո՞վ է Մայքլը։

― Նա, ում հետ պատրաստվում է ամուսնանալ Բրեթը։

― Լավ, լավ, ― ասաց Բիլլը։ ― Բախտը ինձ մարդկանց հետ միշտ այդպիսի ժամանակ է հանդիպեցնում։ Ի՞նչ նվիրեմ նրանց։ Հը, մի գուցե մի զույգ նժույգի խրտվիլա՞կ։

― Ավելի լավ է գնանք ճաշենք։

― Նա, ինչ է, իսկապե՞ս տիտղոս ունի, ― հարցրեց Բիլլը տաքսիում, Սեն֊Լուի կղզի տանող ճանապարհին։

― Օ, այո։ Գրանցված է տոհմական գրքում և ունի մնացած բոլոր այլևայլ բաները։

― Լավ, լավ։

Ճաշեցինք մադամ Լըկոնտի ռեստորանում, որ գտնվում էր կղզու հեռավոր մասում։ Ռեստորանը լցված էր ամերիկացիներով, և մենք ստիպված էինք կանգնել ու սպասել ազատ տեղի։ Ինչ֊որ մեկը մադամ Լըկոնտի այդ ռեստորանը մտցրել էր Ամերիկյան կանացի ակումբում առաջարկվող ցուցակի մեջ՝ որպես փարիզյան առափնյակում գտնվող հետաքրքիր մի ռեստորան, որ դեռ հայտնի չէ ամերիակցիներին, և ահա այդ պատճառով մենք մոտ մի երեք քառորդ ժամ ստիպված էինք սպասել ազատ սեղանի։ Բիլլն այստեղ ճաշել էր 1918 թվականին, հաշտության հայտարարությունից անմիջապես հետո, և մադամ Լըկոնտը՝ նրան տեսնելուն պես իրար անցավ․

― Իհարկե, դա մեզ չօգնեց սեղան ստանալ, ― ասաց Բիլլը։ ― Բայց միևնույն է, սա սքանչելի կին է։

Ճաշը լավն էր․ տապակած հավ կանաչ ոլոռով և կարտոֆիլի պյուրեով, սալաթ, խնձորի կարկանդակ և պանիր։

― Շատ դժվար է ձեզ մոտ ընկնել, ― ասաց Բիլլը մադամ Լըկոնտեին։

Տիկինը ձեռքը վեր պարզեց։

― Օհ, տեր իմ։

― Դուք կհարստանաք։

― Հուսով եմ։

Սուրճ և մի֊մի գավաթ կոնյակ խմելուց հետո խնդրեցինք հաշիվը, որն ինչպես միշտ կավիճով գրվում էր գրաթերթաքարի վրա և, ըստ երևույթին, ռեստորանի ինքնօրինակություններից մեկն էր, վճարեցինք, սեղմեցինք մադամ Լըկոնտեի ձեռքն ու դուրս եկանք։

― Դուք այլևս գրեթե չեք երևում, պարոն Բարնս, ― ասաց մադամ Լըկոնտը։

― Հայրենակիցներս շատ շատ են։

― Եկեք նախաճաշին։ Այն ժամանակ այդքան շատ չեն լինում։

― Լավ։ Անպայման կգամ։

Քայլում էինք ծառերի տակով, դրանք եզերում էին գետը կղզու այն ծայրում, որը նայում էր Օռլեանյան առափնյակին։ Գետի այն կողմում երևում էին կիսաքանդ տների պատերը։

― Այնտեղով պիտի փողոց անցկացնեն։

― Այդպես է երևում, ― ասաց Բիլլը։

Քայլեցինք ամբողջ կղզու շուրջ։ Մութ գետով արագ ու անձայն, լույսերը փայլատակելով սահեց անցավ մի շոգենավիկ ու անհետացավ կամրջի տակ։ Գետի հոսանքն ի վեր իրիկնային երկնքում վեր էր խոյանում Աստվածամոր տաճարը։ Բետյունի առափնյակից մենք մենք փայտե կամրջով անցանք Սենայի ձախ ափը․ մի քիչ կանգնեցինք կամրջին ու նայում էինք տաճարը։ Այստեղից կղզին շատ մութ էր թվում, ծառերը ասես ստվերներ լինեին, տները թվում էր ձգվում էին մինչև երկինք։

― Իսկապես որ գեղեցիկ է, ― ասաց Բիլլը։ ― Աստված իմ, որքան ուրախ եմ, որ վերադարձա։

Հենվել էինք կամրջի փայտե բազիրքին ու նայում էինք գետի հոսանքով դեպի վեր, մեծ կամուրջների լույսերին։ Ջուրը խաղաղ էր և մութ։ Չէր ճողփում կամուրջի սյուներին։ Մեր կողքով անցավ մի տղամարդ՝ հետը աղջիկ։ Նրանք քայլում էին գրկախառնված։

Կամուրջն անցանք ու սկսեցինք վեր բարձրանալ Կարդինալ Լյումանի փողոցով։ Փողոցը զառիվեր էր, դժվար էր բարձրանալ, բայց մենք ոտքով հասանք մինչև Քոնթրեսքարփ հրապարակը։ Աղեղնաձև լապտերի լույսը թափանցում էր ծառերի տերևների արանքից, իսկ ծառերի տակ կանգնած էր մեկնելու պատրաստ ավտոբուս։ «Ուրախ նեգր» սրճարանի բաց պատուհանից տեսա երկար, ցինկապատ վաճառասեղանը։ Դրսում, պատշգամբում դրված սեղանների շուրջը նստած էին բանվորներ ու գինի էին խմում։ «Սիրողների համար» սրճարանի բաց խոհանոցում սպասուհին ձեթով կարտոֆիլ էր տապակում։ Հենց կողքին դրված էր և չուգունե կաթսան՝ մեջը շոգեխաշած միս։ Սպասուհին ափսեի մեջ միս էր դնում մի ծերուկի համար, որ կանգնել էր նրա կողքին կարմիր գինու շիշը ձեռքին։

― Ուզո՞ւմ ես խմել։

― Ոչ, ― ասաց Բիլլը։ ― Էլ չեմ ուզում։

Քոնթրեսքարփ հրապարակից թեքվեցինք դեպի աջ և քայլեցինք հինավուրց բարձր տների մեջ ընկած հարթ, նեղլիկ փողոցներով։ Տների մի մասը մի քիչ դեպի առաջ էր կանգնած, մի մասը փողոցից մի քիչ ներս ընկած։ Դուրս եկանք Պո֊դը֊Ֆեր փողոց և այդ փողոցով քայլեցինք մինչև Սեն֊Ժակ փողոցը, հետո թեքվեցինք դեպի հարավ, անցանք Վալ֊դը֊Գրաս հիվանդանոցի թուջե ցանկապատի կողքով և դուրս եկանք Դյու֊Պոր֊Ռոյալ բուլվար։

― Հիմա ո՞ւր գնանք, ― հարցրեցի ես։ ― Միգուցե գնանք «Սելեքտ» և մի քիչ նստենք Բրեթի ու Մայքլի հետ։

― Դեմ չեմ։

Դյու֊Պոր֊Ռոյալ բուլվարով քայլեցինք, մինչև որ այն փոխվեց Մոնպարնաս բուլվարի, հետո շարունակեցինք մեր ճամփան, անցանք «Քլոզերի դը Լիլան», Լավինի, Դամուայի ռեստորանների և բոլոր մանր սրճարանների մոտով, կտրեցինք փողոցը «Ռոտոնդի» դիմաց և նրա լույսերի ու սեղանիկների միջով հասանք «Սելեքտ» սրճարանը։

Մայքլը դուրս եկավ մեզ ընդառաջ։ Նա արևից խիստ թխացել էր և շատ առողջ տեսք ուներ։

― Հելլո, Ջեյք, ― ասաց նա։ ― Հելլո, հելլո։ Ինչպե՞ս եք, բարեկամս։

― Դուք լավ կազդուրվել եք, Մայքլ։

― Ա, այո։ Իսկապես, որ լավ կազդուրվել եմ։ Պատկերացրեք, ոչինչ չեմ արել, միայն քայլում էի։ Քայլում էի առավոտից երեկո։ Եվ միայն մի ըմպանակ էի խմում մորս հետ թեյելիս։

Բիլլը գնաց բար։ Կանգնած զրուցում էր Բրեթի հետ, որը նստել էր բարձր աթոռակին, ոտքը ոտքին գցած։ Հագին գուլպա չկար։

― Ուրախ եմ ձեզ տեսնելու, Ջեյք, ― ասաց Մայքլը։ ― Ես մի քիչ խմած եմ։ Շատ տարօրինակ բան պատահեց։ Հապա մի նայեք քթիս։

Եվ իրոք, նրա քթարմատին չորացած արյան հետք կար։

― Սա մի ծեր կնոջ ճամպրուկներից եղավ, ― ասաց Մայքլը։ ― Ուզեցի իջեցնել, որ օգնեմ նրան, ճամպրուկները թափվեցին վրաս։

Բրեթը իր երկար ծխամորճով բարից նշան արեց նրան մոտենալու, կնճռոտելով աչքերի անկյունները։

― Այդ ծեր կինը, ― ասաց Մայլքը։ ― Նրա ճամպրուկները վրաս թափվեցին։ Գնանք Բրեթի մոտ։ Նա ուղղակի հրաշք է։ Դու չքնաղ կին ես, Բրեթ։ Որտեղի՞ց ես ճարել այս գլխարկը։

― Մի տղա է նվիրել։ Չե՞ս հավանում։

― Անտանելի գլխարկ է։ Քեզ համար լավը գնիր։

― Օհ, իհարկե, մենք հիմա այնքան փող ունենք, ― ասաց Բրեթը։ ― Դու Բիլլի հետ ծանո՞թ ես։ Դուք շատ ուշադիր եք, Ջեյք։

Նա դարձավ դեպի Մայքը։

― Սա Բիլլ Գորթոնն է։ Իսկ այս հարբեցողը Մայք Քեմփբելլն է։ Պարոն Քեմփբելլը հավերժորեն սնանկացած մարդ է։

― Երևակայեք, այո։ Գիտեք, երեկ Լոնդոնում հանդիպեցի իմ նախկին գործընկերոջը։ Նրան, որն ինձ խաբեց։

― Եվ ի՞նչ ասաց։

― Ինձ խմիչք հյուրասիրեց։ Մտածեցի, որ չարժի հրաժարվել։ Բրեթ, դու իսկապես հրաշք ես։ Նա գեղեցիկ է, չէ՞։

― Գեղեցիկ, ո՜նց չէ։ Այս տեսակ քթով։

― Հիանալի քիթ է։ Մի քիթդ ինձ դարձրու տեսնեմ։ Վահ, բա սա գեղեցկուհի չէ՞։

― Իսկ չէ՞ր կարելի այնպես անել, որ այն մնար Շոտլանդիայում։

― Լսիր, Բրեթ, եկ մի քիչ շուտ գնանք տուն։

― Քեզ կարգին պահիր, Մայքլ։ Մի մոռացիր, բարում տիկնայք են նստած։

― Նա իսկապես սքանչելի է, չէ՞։ Դո՞ւք ինչ կասեիք, Ջեյք։

― Այսօր երեկոյան բռնցքամարտ կա, ― ասաց Բիլլը։ ― Կուզեի՞ք գնալ։

― Բռնցքամա՞րտ, ― կրկնեց Մայքը։ ― Ո՞վ է ում դեմ։

― Լեդուն է ու ինչ֊որ մեկը։

― Լեդուն շատ լավն է, ― ասաց Մայքը։ ― Կուզեի նրան նայել, ― նա ջանում էր իրեն տիրապետել, ― բայց չեմ կարող գնալ։ Ժամադրություն ունեմ Բրեթի հետ։ Լսիր, Բրեթ, քեզ համար նոր գլխարկ գնիր։

Բրեթը ֆետրե գլխարկը թեք քաշեց մի աչքին և ժպտաց գլխարկի լայն եզրի տակից։

― Դուք երկուսդ բռնցքամարտի գնացեք։ Ես ստիպված եմ պարոն Քեմփբելլին ուղիղ տուն տանել։

― Ես հարբած չեմ, ― ասաց Մայքը։ ― Գուցե մի քիչ։ Բրեթ, դու հրաշք ես։

― Իհարկե, ― ասաց Բրեթը։ ― Միայն թե ոչ ոտքով։

― Մայքը բոլորովին խելքը գցել է այս աղջկա սիրուց, ― ասացի տաքսիում։

― Էհ, ― ասաց Բիլլը, ― նրան մեղադրել չի կարելի։


Գլուխ իններորդ

Բռնցքամարտիկներ Լեդուի և Ֆրենսիսի հանդիպումը տեղի ունեցավ հունիսի քսանին։ Հետաքրքիր բռնցքամարտ էր։ Հաջորդ օրն առավոտյան Հանդայիից նամակ ստացա Ռոբերտ Կոնից։ Նա գրում էր, որ ապրում է շատ խաղաղ, հանգիստ, երբեմն լողանում է, երբեմն գոլֆ է խաղում և շատ, շատ խաղում է բրիջ։ Հանդայիում հիանալի լողափ կա, բայց ինքը շատ անհամբեր է, թե երբ պիտի մեզ հետ գնա ձուկ որսալու։ Արդյոք ես շո՞ւտ կգամ։ Եվ եթե ես այնքան բարի գտնվեմ, որ իր համար գնեմ երկտակ կարթաթել, ինքը փողն ինձ կվերադարձնի, երբ գնամ։

Հենց նույն առավոտյան, խմբագրությունում եղած ժամանակ, նամակ գրեցի Կոնին, որ ես ու Բիլլը Փարիզից մեկնում ենք քսանհինգին, ― եթե որևէ բան փոխվի, նրան կհեռագրեմ, ― և իրեն կհանդիպենք Բայոննայում, իսկ այնտեղից էլ լեռնային ճանապարհներով ավտոբուսով կգնանք Փամփլոնա։ Նույն օրը երեկոյան ժամը յոթի մոտ մտա «Սելեքտ» սրճարան, որ հանդիպեմ Մայքլին և Բրեթին։ Նրանք այնտեղ չէին, և գնացի «Դինգո»։ Երկուսն էլ նստած էին բարում, վաճառասեղանի մոտ։

― Հելլո, սիրելիս, ― ձեռքն ինձ մեկնեց Բրեթը։

― Հելլո, Ջեյք, ― ասաց Մայքը։ ― Երեկ երեկոյան կարծեմ իմ քեֆը մի քիչ լավ էր, չէ՞։

― Եթե մեղմ արտահայտվենք, ― ասաց Բրեթը։ ― Ուղղակի խայտառակություն էր։

― Լսեք, ― ասաց Մայքը, ― դուք ե՞րբ եք մեկնում Իսպանիա։ Դեմ չէի՞ք լինի, եթե մենք էլ ձեզ հետ գայինք։

― Պարզապես հիանալի կլինի։

― Դուք իսկապե՞ս դեմ չեք։ Ես, իհարկե, եղել եմ Փամփլոնայում։ Բայց Բրեթը շատ է ուզում գնալ։ Մենք հո բեռ չե՞նք լինի ձեր գլխին։

― Հիմար բաներ եք ասում։

― Մի քիչ խմած եմ, ոչինչ։ Այլապես չէի համարձակվի այդպես միանգամից դիմել ձեզ։ Դուք հավանաբար դեմ չեք, չէ՞։

― Բավական է, Մայք, ― ասաց Բրեթը։ ― Դու ինչ է, ուզում ես, որ նա քեզ պատասխանի՞։ Հետո ես ինքս նրան կհարցնեմ։

― Բայց դուք դեմ չեք, չէ՞։

― Եթե մի անգամ էլ հարց տվեցիք, կջղայնանամ։ Ես և Բիլլը մեկնում ենք քսանհինգի առավոտյան։

― Ի դեպ, իսկ ո՞ւր է Բիլլը, ― հարցրեց Բրեթը։

― Նա մեկնել է Շանտիլյի, ինչ֊որ մեկի մոտ ճաշի է հրավիրված։

― Բիլլը լավ տղա է։

― Հիանալի, ― ասաց Մայքը։ ― Իսկապես, որ հիանալի տղա է։

― Բայց դու նրան չես հիշում, ― ասաց Բրեթը։

― Հիշում եմ։ Շատ լավ հիշում եմ։ Ջեյք, մենք ահա թե ինչ կանենք, մենք կգանք քսանհինգի երեկոյան։ Բրեթը շուտ վեր կենալ չի կարող։

― Այո, իհարկե։

― Եվ եթե փող ուղարկեն, և եթե դուք դեմ չեք մեր գալուն։

― Փող կուղարկեն։ Ես դա կկարգավորեմ։

― Ասացեք, ինչ պիտի հետներս վերցնենք։

― Երկու կամ երեք կարթաձող կոճերով, կարթաթելեր և ճանճեր։

― Ես ձուկ չեմ որսալու, ― ասաց Բրեթը։

― Ուրեմն վերցրեք երկու կարթաձող։ Այդ դեպքում Բիլլը կարիք չի ունենա գնելու։

― Լավ, ― ասաց Մայքը։ ― Կհեռագրեմ մեր պահակին։

― Օ, ինչ լավ է լինելու, ― ասաց Բրեթը։ ― Իսպանիա։ Մի լավ կուրախանանք։

― Քսանհինը ե՞րբ է։

― Շաբաթ։

― Ուրեմն պետք է շտապենք պատրաստվել։

― Եղավ, ― ասաց Մայքը, ― ես գնացի վարսավիրի մոտ։

― Իսկ ես պետք է լոգանք ընդունեմ, ― ասաց Բրեթը։ ― Ջեյք, ուղեկցեք ինձ մինչև հյուրանոց, խնդրում եմ։

― Մենք ապրում ենք հոյակապ հյուրանոցում, ― ասաց Մայքը։ ― Իմ կարծիքով, դա պոռնկատուն է։

― Մենք իրերը թողել էինք այստեղ, «Դինգոյում» ու երբ հյուրանոց գնացինք, մեզ հարցրին, թե արդյոք միայն ցերեկն ենք մնալու այստեղ։ Երբ ասացինք, որ գիշերելու ենք, անասելի ուրախացան։

― Համոզված եմ, որ պոռնկատուն է, ― ասաց Մայքը։ ― Ով, ով, ես որ այդ գործերից լավ եմ հասկանում։

― Օհ, վերջ տուր ու գնա մազերդ կարգի բեր։

Մայքը գնաց։ Ես և Բրեթը նստած էինք վաճառասեղանի մոտ։

― Խմե՞նք։

― Խմենք։

― Հիմա մի քիչ թեթևացա, ― ասաց Բրեթը։

Քայլեցինք Դելամբր փողոցով։

― Վերադառնալուցս հետո քեզ դեռ կարգին չեմ տեսել, ― ասաց Բրեթը։

― Այո։

― Ինչպե՞ս ես, Ջեյք։

― Հիանալի։

Բրեթը նայեց ինձ։

― Լսիր, ― ասաց նա։ ― Ռոբերտ Կոնը նո՞ւյնպես գալու է ձեզ հետ։

― Այո։ Ի՞նչ կա որ։

― Դու չե՞ս կարծում, որ նրա համար ծանր կլինի։

― Ինչո՞ւ։

― Քո կարծիքով, ես ո՞ւմ հետ էի մեկնել Սան֊Սեբաստիան։

― Շնորհավորում եմ, ― ասացի։

Շարունակեցինք մեր ճամփան։

― Ինչո՞ւ ես այդպես ասում։

― Չգիտեմ։ Իսկ ի՞նչ կուզեիր, որ ասեի։

Մի քիչ էլ քայլեցինք ու շրջվեցինք փողոցի անկյունը։

― Նա իրեն շատ լավ էր պահում։ Միայն թե նրա հետ ձանձրալի է։

― Ահա թե ինչ։

― Ինձ թվում է, որ դա օգտակար կլինի նրա համար։

― Լավ կլինի, դու զբաղվես բարեգործությամբ։

― Զզվելի բաներ չասես։

― Լավ։

― Դու ինչ է, իսկապե՞ս չգիտեիր։

― Ոչ, ― ասացի։ ― Պարզապես մտքովս չէր անցել։

― Ի՞նչ ես կարծում, նրա համար շատ ծանր չի՞ լինի։

― Դա նրա գործն է, ― ասացի։ ― Գրիր նրան, որ դու էլ ես գալիս։ Չէ որ նա հնարավորություն ունի չգնալու։

― Կգրեմ, որպեսզի նա կարողանա նոխօրոք հրաժարվել։

Դրանից հետո ես Բրեթին չտեսա մինչև հունիսի քսանչորսը։

― Կոնից լուր ունե՞ս։

― Այո։ Նա շատ ուրախ է։

― Օ՜, տեր իմ։

― Իսկապես, ես էլ զարմացա։ Գրում է, որ անհամբեր սպասում է, թե երբ պիտի ինձ տեսնի։

― Միգուցե մտածում է, թե դու մենակ ես գնում։

― Ոչ։ Ես գրել եմ, որ գնում ենք բոլորս։ Եվ Մայքն էլ մեզ հետ։

― Զարմանալի մարդ է։

― Այո՞։

Նրանք սպասում էին, որ փողը հաջորդ օրը կստանան։ Պայմանավորվեցինք հանդիպել Փամփլոնայում։ Նրանք գնալու էին ուղիղ Սան֊Սեբաստիան և այնտեղ պետք է փոխեին գնացքը։ Բոլորս պետք է հանդիպեինք Փամփլոնայում, Մոնտոյայի հյուրանոցում։ Եթե նրանք մինչև երկուշաբթի չգային, մենք առանց նրանց գնալու էինք լեռներ, Բուրգետե, ձուկ բռնելու։ Բուրգետե ավտոբուս է գնում։ Ես գծեցի մանրամասն երթուղին, որպեսզի նրանք կարողանային մեզ գտնել։

Ես և Բիլլը մեկնեցինք առավոտյան գնացքով, դը Օրսե Կայարանից։ Հիանալի եղանակ էր, ոչ շատ շոգ, և հենց միանգամից մեր առջև բացվեց գեղեցիկ շրջակայքը։ Գնացինք վագոն֊ռեստորան և նախաճաշեցինք։ Դուրս գալիս ես ուղեկցորդից տոմսակներ խնդրեցի առաջին հերթի ճաշի համար։

― Բոլոր տեղերը զբաղված են մինչև հինգերորդ հերթը։

― Ինչպե՞ս թե։

Ընդհանրապես այդ գնացքում ճաշը մատուցում էին երկու հերթով, և միշտ ինչքան ասես ազատ տեղեր կային։

― Բոլոր տեղերը զբաղված են, ― ասաց վագոն֊ռեստորանի ուղեկցորդը։ ― Հինգերորդ հերթը կլինի ժամը երեքն անց կեսին։

― Գործը բարդանում է, ― ասացի Բիլլին։

― Տասը ֆրանկ տուր դրան։

― Վերցեք, ― ասացի։ ― Մենք ուզում ենք առաջին հերթին ճաշել։

Ուղեկցորդը տասը ֆրանկը դրեց գրպանը։

― Շնորհակալություն, ― ասաց նա։ ― Խորհուրդ կտայի սենդվիչներ վերցնել։ Առաջին չորս հերթերի բոլոր տեղերը պատվիրված են ճանապարհների վարչության կողմից։

― Էհ, բարեկամս, դուք շատ առաջ կգնաք, ― ասաց նրան Բիլլը անգլերեն։ ― Երևում է, եթե ձեզ հինգ ֆրանկ տված լինեի, խորհուրդ պիտի տայիք ցած թռնել գնացքից։

― Comment?[9]

― Գրողի ծոցը գնացեք, ― ասաց Բիլլը։ ― Կարգադրեցեք, որ սենդվիչներ և մի շիշ գինի բերեն։ Ասացեք նրան, Ջեյք։

― Եվ ուղարկեք հարևան վագոն։ ― Բացատրեցի նրան, թե մենք որտեղ ենք նստած։

Մեր կուպեում ամուսիններ էին նստած իրենց պատանյակ որդու հետ։

― Դուք կարծեմ ամերիկացինե՞ր եք, ― հարցրեց ամուսինը։ ― Հաճելի՞ ճամբորդություն է։

― Հիանալի, ― ասաց Բիլլը։

― Ճիշտ եք անում։ Ճանապարհորդեցեք, քանի դեռ երիտասարդ եք։ Ես և տիկինս, ահա, վաղուց պատրաստվում էինք Եվրոպա մեկնել, բայց ստիպված եղանք մի քիչ սպասել։

― Մենք կարող էինք տասը տարի առաջ գալ, եթե դու ուզենայիր, ― ասաց կինը։ ― Սակայն դու միշտ ասում էիր, նախ պետք է Ամերիկան տեսնենք։ Ես կասեի, որ մենք քիչ բան չենք տեսել։

― Մեր գնացքում շատ ամերիկացիներ կան, ― ասաց ամուսինը։ ― Յոթ վագոն, բոլորը Դեյտոնից, Օհայո նահանգից։ Ուխտագնացության են դուրս եկել, եղել են Հռոմում, հիմա էլ գնում են Բիարից և Լուրդ։

― Ահա թե ինչ։ Ուխտագնացներ են։ Անիծյալ ճգնավորներ, ― ասաց Բիլլը։

― Տղաներ, դուք ո՞ր կողմերից եք։

― Ես Քանզաս֊Սիթիից եմ, ― ասացի։ ― Իսկ նա Չիկագոյից։

― Երկուսդ էլ գնում եք Բիարի՞ց։

― Ոչ, մենք գնում ենք Իսպանիա ձուկ որսալու։

― Ես ինքս երբեք ձուկ չեմ որսացել։ Սակայն մեզ մոտ շատերն են դրանով հրապուրվում։ Մեր Մոնթանա նահանգը ամենալավ տեղն է ձուկ որսալու համար։ Ես էլ եմ երբեմն ընկերներիս հետ գնացել, բայց երբեք այդ գործով չեմ հրապուրվել։

― Ասելու բան չի, թե ինչքան ձուկ էինք բռնում, երբ գնում էիր ընկերներիդ հետ, ― ասաց կինը։

Ամուսինը մեզ աչքով արեց։

― Գիտեք, էլի, կանանց, բոլորը նույնն են։ Հենց քեզանից գինու կամ գարեջրի հոտ առան, արդեն նրանց աչքին կորած մարդ ես։

― Տղամարդիկ միշտ այսպես են, ― ասաց կինը, դիմելով մեզ։ Նա շոյեց իր գիրուկ ծնկները։ ― Ես դեմ եմ քվեարկել ոգելից խմիչքներն արգելող օրենքին, որպեսզի նրան հաճույք պատճառեմ, ու նաև նրա համար, որ տանը գարեջուր լինի, իսկ հիմա սա տեսեք թե ինչ է ասում։ Աստված գիտի, թե մենք ինչու ենք նրանց հետ ամուսնանում։

― Իսկ գիտեք, ― ասաց Բիլլը, ― որ ախտագնաց հայրերի այս ոհմակը գրավել է ռեստորանը մինչև երեքն անց կեսը։

― Ի՞նչ եք ասում։ Չի կարող պատահել։

― Դե գնացեք ու փորձեք տեղ գտնել։

― Մայր, որ այդպես է չգնա՞նք նորից մի անգամ էլ նախաճաշենք։

Կինը վեր կացավ և ուղղեց զգեստը։

― Տղաներ, աչքներդ մեր իրերի վրա պահեք, լա՞վ։ Գնանք, Հյուբերտ։

Երեքով շարժվեցին դեպի վագոն֊ռեստորան։ Մի քիչ անց վագոնով անցավ ուղեկցողը, հայտարարեց, որ սկսվում է ճաշի առաջին հերթը, և անմիջապես ուխտավորներն իրենց սուրբ հայրերի գլխավորությամբ շարժվեցին դեպի միջանցք։ Մեր հարևանն իր ընտանիքով չէր վերադառնում։ Միջանցքում հայտնվեց մատուցողը՝ բերելով սենդվիչներ ու մի շիշ շաբլի։ Մենք կանչեցինք նրան։

― Ծանր է լինելու ձեր գործն այսօր, ― ասացի ես։

Նա գլխով արեց։

― Հիմա սկսում են տասն անց երեսունին։

― Իսկ մենք ե՞րբ կարող ենք ուտել։

― Իսկ ե՞րբ եմ ուտելու ես։

Նա դրեց շիշն ու երկու բաժակ։ Վճարեցինք սենդվիչների համար և թեյանվեր տվեցինք։

― Կգամ ափսեները տանելու, ― ասաց նա, ― կամ էլ գուցե հետներդ բերեք։

Ուտում էինք սենդվիչները, խմում շաբլին ու հիանում պատուհանից բացվող տեսարանով։ Ցորենը նոր էր սկսել հասկակալել, և դաշտերում փողփողում էին կակաչները։ Արոտավայրերը կանաչ էին, երևում էին գեղատեսիլ պուրակներ, երբեմն մեծ գետեր և հեռվում, ծառերի մեջ՝ ամրոցներ։

Տուրում իջանք և մի շիշ էլ գինի գնեցինք, իսկ երբ վերադարձանք, տեսանք, որ պարոնը Մոնտանայից՝ իր կնոջ և Հյուբերտ որդու հետ հարմար տեղավորվել է կուպեում։

― Իսկ Բիարիցում լա՞վ լողավայրեր կան, ― հարցրեց Հյուբերտը։

― Այս տղան մեզ կգժվեցնի, մինչև ջրին հասնենք, ― ասաց մայրը։ ― Այս հասակում դժվար է ճանապարհորդել։

― Այնտեղ շատ լավ լողավայրեր են, ― ասացի ես։ ― Սակայն ալեկոծության ժամանակ վտանգավոր է։

― Դուք ճաշեցի՞ք, ― հարցրեց Բիլլը։

― Այո, ճաշեցինք։ Մենք պարզապես նստած մնացինք մեր սեղանների շուրջ, երբ նրանք սկսեցին ներս գալ, և մատուցողները հավանաբար մտածեցին, որ մենք էլ ենք նրանց հետ։ Սպասավորը մեզ ինչ֊որ բան ասաց ֆրանսերեն, հետո նրանցից երեքին հետ ուղարկեցին։

― Իհարկե, նրանք մեզ ուխտավորների տեղ դրեցին, ― ասաց ամուսինը։ ― Դա մի անգամ ևս ցույց է տալիս կաթոլիկ եկեղեցու ուժը։ Ափսոս որ դուք, երիտասարդներ, կաթոլիկներ չեք։ Այդ դեպքում դուք ժամանակին կճաշեիք։

― Ես կաթոլիկ եմ, ― ասացի, ― հենց դա է զայրացուցիչը։

Վերջապես ժամը չորսն անց տասնհինգին մեզ ճաշ տվեցին։ Բիլլն արդեն սկսել էր համբերությունը կորցնել։ Նա բռնեց ուխտավորների մի խմբի հետ իրենց կուպեն վերադարձող սուրբ հոր կոճակից ու ասաց․

― Ասացեք, սուրբ հայր, իսկ բողոքականները ե՞րբ իրավունք ունեն ուտելու։

― Չգիտեմ։ Մի՞թե դուք տոմսեր չունեք։

― Էհ, այդպես որ գնա Կլանին[10] էլ կմիանանք։

Հայր սուրբը շրջվեց և նայեց նրան։

Վագոն֊ռեստորանում մատուցողները հինգերորդ անգամ ճաշ էին մատուցում։ Մեզ սպասարկող մատուցողը քրտինքի մեջ կորել էր։ Նրա սպիտակ բաճկոնը թևատակերում մանիշակագույն էր դարձել։

― Նա երևի գինի շատ է խմում։

― Կամ էլ մանիշակագույն ներքնազգեստ է կրում։

― Եկ հարցնենք։

― Պետք չէ։ Մարդը շատ է հոգնել։

Բորդոյում գնացքը կանգնեց կես ժամ, և մենք կայարանով դուրս եկանք փողոց մի քիչ քայլելու։ Քաղաք գնալու համար ժամանակը շատ քիչ էր։ Հետո մենք անցնում էինք Լանդերով և հիանում մայրամուտով։ Սոճիների արանքներում երևում էին լայն, խանձված կածաններ, հեռու հեռանում էին ասես փողոցներ, իսկ դրանց վերջում վեր էին խոյանում անտառածածկ բլուրներ։ Ժամը յոթն անց կեսին գնացինք ընթրելու և վագոն֊ռեստորանի բաց պատուհանից հիանում էինք մեր առջև բացվող տեսարանով։ Շուրջը ավազ էր, սոճիներ և ամենուրեք հավամրգի թփուտներ։ Մերթ ընդ մերթ երևում էին և փոքրիկ բացատներ տնակներով, իսկ երբեմն էլ սղոցարան։ Մթնեց, սակայն պատուհանից դուրս զգացվում էր տաք, ավազոտ մութ շրջապատը։ Ժամը իննին հասանք Բայոննա։ Ամուսինը, կինը և Հյուբերտը սեղմեցին մեր ձեռքերն ու հրաժեշտ տվեցին։ Նրանք շարունակում էին ճանապարհը մինչև Լա֊Նեգրես, որտեղից պետք է նստեին Բիարրից մեկնող գնացքը։

― Դեհ, ձեզ հաջողություն եմ մաղթում, ― ասաց ամուսինը։

― Զգույշ եղեք զլամարտերի ժամանակ։

― Միգուցե հանդիպենք Բիարրիցում, ― ասաց Հյուբերտը։

Իջանք ճամպրուկներն ու կարթերը ձեռքներիս և մութ կայարանից դուրս եկանք լուսավորված հրապարակ, որտեղ կանգնած էին հյուրանոցների կառքերն ու ավտոբուսները։ Այնտեղ, վարորդների և գործակալների հետ կանգնած սպասում էր Ռոբերտ Կոնը։ Նա մեզ տեսավ ոչ անմիջապես։ Հետո ընդառաջ եկավ։

― Հելլո, Ջեյք։ Ինչպե՞ս հասաք։

― Հիանալի, ― ասացի։ ― Սա Բիլլ Գորթոնն է։

― Բարև ձեզ։

― Գնանք, ― ասաց Ռոբերտը։ ― Ես կառքով եմ։ ― Նա մի քիչ կարճատես էր, առաջ երբեք այդ չէի նկատել։ Նա սևեռուն և շփոթված ուսումնասիրում էր Բիլլին, փորձելով հասկանալ։ Նա մի տեսակ քաշվում էր։

― Կգնանք իմ հյուրանոց։ Այնտեղ լավ է, միանգամայն տանելի։

Նստեցինք կառք, կառապանը տեղավորեց ճամպրուկները, հետո ինքն էլ նստեց իր տեղը, մտրակը շրխկացրեց և մութ կամուրջով շարժվեցինք դեպի քաղաք։

― Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ― ասաց Ռոբերտը Բիլլին։ ― Ես շատ եմ լսել ձեր մասին Ջեյքից և կարդացել եմ ձեր գրքերը։ Ջեյք, դուք ինձ համար կարթաթել բերե՞լ եք։

Կառքը կանգ առավ հյուրանոցի առջև, մենք իջանք և մտանք հյուրանոց։ Հյուրանոցը վատ չէր, աշխատողներն էլ շատ բարեհամբյուր էին, և ես ու Բիլլը ստացանք մեկական փոքրիկ հարմարավետ սենյակ։


Գլուխ տասներորդ

Պայծառ առավոտ էր, փողոցները լվանում էին ջրով, մենք երեքով նախաճաշեցինք սրճարանում։ Բայոննան գեղեցիկ քաղաք է։ Այն նման է շատ մաքուր իսպանական քաղաքի և գտնվում է մեծ գետի ափին։ Առավոտյան, այդքան վաղ արդեն գետի կամուրջի վրա շատ շոգ էր։ Մենք անցանք կամրջով, հետո զբոսնեցինք քաղաքում։

Բնավ վստահ չէի, որ Մայքի կարթերը Շոտլանդիայից ժամանակին տեղ կհասնեն, ուստի սկսեցինք ձկնորսական առարկաների խանութ որոնել և ի վերջո հաջողվեց Բիլլի համար կարթ գնել մի գալանտերեայի կրպակի վերին հարկում։ Խանութի տերը տեղում չէր, ուստի ստիպված էինք նրան սպասել։ Վերջապես նա եկավ, ու գնեցինք ոչ թանկ, բայց բավական լավ կարթ ու երկու կոթավոր ուռկան։

Խանութից դուրս եկանք և գնացինք դիտելու տաճարը։ Կոնը կարծես ասում էր, թե դա ինչ֊որ բանի հիանալի նմուշ է, սակայն ինչի՝ չեմ հիշում։ Տաճարը գեղեցիկ էր, բայց ոչ շքեղ և աչքի ընկնող, ինչպես իսպանական բոլոր տաճարները։ Հետո մենք անցանք հին ամրոցի կողքով, հասանք տեղական նախաձեռնող կազմակերպության գրասենյակին, որտեղից պետք է մեկներ ավտոբուսը։ Այնտեղ մեզ ասացին, որ ավտոբուսները կսկսեն երթևեկել հուլիսի մեկից ոչ շուտ։ Տուրիստական գրասենյակում իմացանք, թե որքան է պետք վճարել մինչև Փամփլոնա մեքենայով մեկնելու համար, և քաղաքային թատրոնի մոտ գտնվող մեծ գարաժում մեքենա վարձեցինք չորս հարյուր ֆրանկով։ Մեքենան քառասուն րոպեից պետք է գար մեր ետևից հյուրանոց, և մենք մտանք հրապարակի վրայի այն նույն սրճարանը գարեջուր խմելու։ Օրը շոգում էր, սակայն օդի մեջ դեռ զգացվում էր վաղ առավոտի զովը, և սրճարանում նստելը հաճելի էր։ Զեփյուռ փչեց, և զգացվեց, որ զովը գալիս է ծովի կողմից։ Հրապարակում լիքը աղավնիներ էին, տները դեղին էին, ասես արևից շիկացած, և ես չէի ուզում սրճարանից դուրս գալ։ Սակայն այլևս ժամանակ չկար, պետք էր գնալ հյուրանոց, իրերը դասավորել և վճարել ըստ հաշվի։ Վիճակ գցեցինք, թե ով է վճարելու գարեջրի համար, կարծեմ վճարեց Կոնը, և գնացինք հյուրանոց։ Ես և Բիլլը վճարեցինք ամենքս տասնվեց ֆրանկ, գումարած տասը տոկոս՝ ծառայությունների համար, մեր ճամպրուկները ցած ուղարկեցինք ու սկսեցինք սպասել Ռոբերտ Կոնին։ Մինչ սպասում էինք, պարկետի վրա տեսա մի ուտիճ, ամենաքիչը մի երեք մատնաչափ երկարության։ Ցույց տվեցի ուտիճը Բիլլին ու ճզմեցի կոշիկիս տակ։ Մտածեցինք, որ հավանաբար այգուց է ներս սողացել, քանի որ հյուրանոցն իսկապես շատ մաքուր էր։

Վերջապես Կոնը իջավ, և միասին դուրս եկանք դեպի մեքենան։ Դա մի մեծ մեքենա էր, բացվող ծածկով, վարորդը սպիտակ փոշեթիկնոցով էր՝ երկնագույն օձիքով և նույնպիսի թևքածալերով․ խնդրեցինք նրան մեքենայի ծածկն իջեցնել։ Նա մեր ճամպրուկները դասավորեց, և ճամփա ընկանք։ Մեքենան շարժվում էր երկար փողոցով դեպի քաղաքի ծայրամասը, անցնում էինք գեղեցիկ այգիների կողքով, ետ նայում ու հրաժեշտ տալիս քաղաքին։ Քաղաքից դուրս գալով, հայտնվեցինք կանաչ բլուրների մեջ և ճանապարհն սկսեց բարձրանալ դեպի սարը։ Շարունակ անցնում էինք բասկերի եզներ ու կովեր լծված սայլերի մոտով, այս ու այնտեղ երևում էին մաքուր սպիտակ ներկած ֆերմաները, ցածր տանիքով տներ։ Բիսկայան բերրի և ծաղկող երկիր է, տները մաքուր են, գյուղերը հարուստ։ Յուրաքանչյուր գյուղում կար պելոտա խաղի հրապարակ, ուր երեխաները գնդակ էին խաղում արևի տակ։ Եկեղեցիների վրա մակագրություններ կային, որ արգելում էին գնդակը եկեղեցու պատերին նետել, տնակները ծածկված էին կարմիր կղմինդրով, հետո ճանապարհը թեքվեց և դարձավ ավելի զառիվեր ու սկսեցինք բարձրանալ սարի լանջով․ ներքևում հովիտն էր, իսկ բլուրներն սկսեցին ավելի ու ավելի ետ գնալ, դեպի ծովը։ Ծովը չէր երևում։ Այն շատ հեռու էր։ Երևում էին միայն բլուրներ ու բլուրներ, և զգացվում էր, թե որ կողմն է ծովը։

Անցանք իսպանական սահմանը։ Այնտեղ մի գետակ կար և կամուրջ, որի մի ծայրին կանգնած էին իսպանացի կարաբիներները՝ կարճ հրացանները մեջքներին, լաքապատ եռանկյունի գլխարկներով, իսկ մյուս ծայրին ֆրանսիացիներն էին՝ գիրուկ, բեղավոր, կեպիներ դրած։ Մեր ճամպրուկներից միայն մեկը բացեցին, վերցրին ու նայեցին մեր փաստաթղթերը։ Սահմանի և այս, և այն կողմերում կային մեկական մեծ կրպակ և հյուրանոց։ Վարորդը պետք է ինչ֊որ թղթեր լրացներ մեքենայի հետ կապված, իսկ մենք դուրս եկանք և մոտեցանք գետին՝ տեսնելու իշխան կա՞ արդյոք այնտեղ։ Բիլլը փորձեց խոսել իսպաներեն կարաբիներներից մեկի հետ, սակայն չստացվեց։ Ռոբերտ Կոնը մատով ցույց տվեց ջուրը և հարցրեց՝ այնտեղ իշխան կա՞․ կարաբիներն ասաց՝ այո, կա, բայց քիչ։

Հարցրի նրան, թե երբևէ ինքը ձուկ բռնե՞լ է։ Նա ասաց, որ անտարբեր է դրա նկատմամբ։

Հենց այդ պահին կամրջին էր մոտենում մի ծերունի, երկար, արևից խանձված մազերով և մորուքով, պարեկացու կտորից հագուստով։ Ծերուկը քայլում էր երկար փայտին հենված, իսկ մեջքին կախված էր մի ուլ, գլխով դեպի ցած, ոտները կապած։

Կարաբիները սուրը թափ տալով նրան նշան արեց, որ ետ գնա։ Ծերունին, առանց խոսք ասելու, շրջվեց ու ետ դարձավ սպիտակ ճանապարհով դեպի Իսպանիա։

― Ծերուկին ինչո՞ւ չթողեցիք, ― հարցրեցի ես։

― Անցաթուղթ չունի։

Կարաբիներին սիգարետ առաջարկեցի։ Նա վերցրեց և շնորհակալություն հայտնեց։

― Հիմա նա ի՞նչ է անելու, ― հարցրի։

Կարաբիները թքեց փոշու մեջ։

― Ոչինչ, պարզապես գետը ծանծաղուտով կանցնի։

― Մաքսանենգություն այստեղ շա՞տ է լինում։

― Այո, ― ասաց նա։ ― Լինում է։

Դուրս եկավ վարորդը, ծալելով թղթերն ու տեղավորելով ծոցագրպանը։ Նստեցինք մեքենա, և մեքենան սպիտակ փոշոտ ճանապարհով շարժվեց դեպի Իսպանիա։ Սկզբում տեղանքը գրեթե նույնն էր, ինչ որ մինչև սահմանը, հետո շարունակ բարձրանալով, անցանք բարձրունքը, և այդտեղ արդեն սկսվեց իսկական Իսպանիան։ Երևացին երկար գորշագույն սարագագաթները՝ տեղ֊տեղ սոճիներով ծածկված, հաճարենու անտառները հեռավոր սարալանջերին։ Ճանապարհը սկզբում անցնում էր կիրճի վերևով, հետո միանգամից ցած իջավ, և վարորդն ազդանշան տվեց, մեքենան կանգնեցրեց, որպեսզի տակը չգցի ճամփի մեջտեղը քուն մտած երկու ավանակների։ Լեռները մնացին ետևում, և մենք մտանք կաղնու անտառ, որտեղ սպիտակ այծեր էին արածում։ Հետո սկսվեցին խոտածածկ բացատներ և զուլալ վտակներ․ կտրեցինք մի վտակ, անցանք անհրապույր մի գյուղակի միջով ու նորից սկսեցինք սար բարձրանալ։ Բարձրանում էինք վեր ու վեր, նորից հասանք բարձունքին, հետո պտույտ կատարեցինք, ճանապարհն սկսեց ցած իջնել, թեքվելով դեպի աջ, և հարավում նորից երևաց լեռների մի նոր շղթա, բոլորը կարմրաշագանակագույն, ասես արևից խանձված ու խառնիխուռն կտրտված կիրճերով։

Քիչ անց դուրս եկանք լեռների այդ շղթայից, ճանապարհի երկու կողմերում երևացին ծառեր, առվակներ, հասած ցորենի արտեր, իսկ ճանապարհը ձգվում էր ու ձգվում՝ շատ սպիտակ, ուղիղ, հետո այն նորից սկսեց դեպի վեր բարձրանալ ու ձախից սարի բարձունքում երևաց մի հին ամրոց, որ ամեն կողմից շրջապատված էր շինություններով և մինչև ամրոցի պատերը հասնող ցորենի արտով, որ ծփում էր քամուց։ Ես նստած էի առջևում, վարորդի կողքին և ուսիս վրայից ետ նայեցի։ Ռոբերտ Կոնը քնած էր, իսկ Բիլլը նայում էր շուրջը և ինձ գլխով արեց։ Հետո մենք կտրեցինք մի լայն հարթավայր․ աջից, ծառերի արանքից արևի տակ փայլփլում էր գետը, իսկ հեռվում հարթավայրի գլխին արդեն բարձրանում էր Փամփլոնայի սարահարթը, երևում էին քաղաքի պատերը, բարձր մռայլատես տաճարը, մյուս եկեղեցիների խաչերը։ Սարահարթի ետևում լեռներ էին, ամենուրեք, որ կողմն էլ դառնայիր, նորից լեռներ էին, և մեր առջև ընկած սպիտակ ճանապարհը հարթավայրով մեզ տանում էր ուղիղ Փամփլոնա։

Սարահարթը շրջանցելով քաղաք մտանք մյուս կողմից, փոշոտ ճանապարհով, որ դիք բարձրանում էր երկշարք ստվերոտ ծառերի միջով, հետո իջանք քաղաքի նոր մասը, որը կառուցում էին հին քաղաքի պատերից դուրս։ Անցանք ցլամարտի մրցարանի մոտով՝ բարձր սպիտակ շինության, որ արևի տակ թվում էր բետոնե, հետո մի նրբանցքով մտանք կենտրոնական հրապարակ և կանգ առանք Մոնտոյայի հյուրանոցի մոտ։

Վարորդն օգնեց մեզ իջեցնել ճամպրուկները։ Մեքենայի շուրջ խմբվել էին երեխաներ, հրապարակում շոգ էր, ծառերը կանաչ էին, դրոշակները կախված էին իրենց ձողերից, և հաճելի էր արևից թաքնվել կամարաշարքի ստվերի տակ, որ ձվում էր ամբողջ հրապարակի շուրջ։ Մոնտոյան ուրախացավ մեր գալուն, սեղմեց մեր ձեռքերն ու տվեց մեզ դեպի հրապարակ նայող լավ սենյակներ, հետո լվացվեցինք, մեզ կարգի բերեցինք և իջանք ճաշարան ճաշելու։ Վարորդը նույնպես մնաց ճաշելու, հետո վճարեցինք նրան, և նա վերադարձավ Բայոննա։

Մոնտոյայի հյուրանոցում երկու ճաշարան կար։ Մեկը երկրորդ հարկում էր և նայում էր դեպի հրապարակ։ Մյուսը առաջին հարկում էր, մի ամբողջ հարկի չափ ցած հրապարակի բարձրությունից, և այնտեղից միշտ կարելի էր դուրս գալ հրապարակի ետևում գտնվող փողոց, որտեղից առավոտյան վաղ վազում էին ցլերը, երբ նրանց քշում էին դեպի մրցարան։ Ներքևի ճաշարանում միշտ էլ զով էր, և մենք լավ նախաճաշեցինք։ Իսպանիայում առաջին անգամ ճաշելը միշտ էլ մեծ փորձություն է․ խորտիկներ, ձվից պատրաստված կերակուրներ, երկու տեսակի մսով կերակուր, բանջարեղեն, սալաթ, աղանդեր և մրգեր։ Շատ գինի պետք է խմես այդքանը հաղթահարելու համար։ Ռոբերտ Կոնը փորձեց ասել, որ մսով երկրորդ կերակրատեսակը չի ուզում, բայց մենք նրա ասածը չթարգմանեցինք, իսկ սպասուհին նրա համար փոխարենը բերեց ինչ֊որ ուրիշ բան, կարծեմ սառը միս։ Բայոննայում մեր հանդիպման հենց սկզբից Կոնը ներվային վիճակի մեջ էր։ Նա չգիտեր, արդյոք մեզ հայտնի՞ է, որ ինքը Բրեթի հետ մեկնել էր Սան֊Սեբաստիան, և այդ նրան մեծ շփոթության մեջ էր պահում։

― Դե, ― ասացի ես։ ― Բրեթն ու Մայքլը, պետք է գան այսօր երեկոյան։

― Վստահ չեմ, թե նրանք կգան, ― ասաց Կոնը։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Բիլլը։ ― Իհարկե կգան։

― Նրանք միշտ ուշանում են, ― ասացի։

― Ես գրեթե համոզված եմ, որ նրանք չեն գա, ― ասաց Կոնը։

Նա դա ասաց այնպիսի տոնով, ասես ինքը գիտեր մի բան, որ մենք չգիտեինք, և մենք երկուսս էլ զայրացանք։

― Գրազ եմ գալիս հիսուն պեսետի վրա, որ նրանք այսօր երեկոյան այստեղ կլինեն, ― ասաց Բիլլը։ Նա միշտ գրազ է գալիս, երբ զայրանում է, ու դրա համար էլ միշտ դրանք հիմար գրազներ են լինում։

― Լավ, ― ասաց Կոնը։ ― Հիշեք, Ջեյք, հիսուն պեսետ։

― Ես ինքս էլ կհիշեմ, ― ասաց Բիլլը։

Տեսնում էի, որ նա զայրանում է, և ուզում էի նրան հանգստացնել։

― Նրանք անկասկած կգան, ― ասացի։ ― Սակայն գուցե ոչ այսօր։

― Ուզո՞ւմ եք գրազից հրաժարվել, ― հարցրեց Կոնը։

― Ոչ։ Ինչու պետք է հրաժարվեմ։ Գրազ գանք թեկուզ հարյուր պեսետի վրա։

― Խնդրեմ։ Համաձայն եմ։

― Բավական է, ― ասացի։ ― Թե չէ ստիպված կլինեք գրանցել ինձ մոտ ձեր գրազներն ու ինձ տոկոսներ վճարել։

― Լավ, ― ասաց Կոնը։ ― Միևնույն է դուք այդ փողը ինձանից ետ եք շահելու բրիջ խաղալիս։

― Այդ փողը դուք դեռ չեք շահել, ― ասաց Բիլլը։

Դուրս եկանք հրապարակ և սյունաշարի տակով քայլեցինք դեպի Իրունյա սրճարան, սուրճ խմելու։ Կոնն ասաց, որ գնում է վարսավիրանոց, սափրվելու։

― Լսիր, ― ասաց ինձ Բիլլը, ― ես գրազը շահելու շանս ունե՞մ։

― Շանսերդ շատ փոքր են։ Նրանք դեռ երբեք ոչ մի տեղ ժամանակին չեն եկել։ Եթե փողը չեն ստացել, պարզ է, որ այսօր չեն գա։

― Բերանս բացեցի թե չէ, իսկույն զղջացի։ Բայց չէի կարող նրա հետ չվիճել։ Այնպես կարծես ոչինչ այդ մարդը, բայց նա ինչո՞ւ պիտի մեզանից ավելի լավ իմանա։ Մայքը և Բրեթը մեզ հետ են պայմանավորվել։

Տեսա Կոնին, նա հրապարակը կտրելով դեպի մեզ էր քայլում։

― Ահա նա գալիս է։

― Լավ կանի, որ վերջ տա իր այդ հրեական ձևերին ու իրեն չերեվակայի։

― Վարսավիրանոցը փակ էր, ― ասաց Կոնը։ ― Ժամը չորսին միայն կբացվի։

Սուրճ էինք խմում Իրունյա սրճարանում, նստած կամարաշարքի ստվերում, ծղոտե հարմար բազկաթոռների մեջ ու նայում էինք դեպի հրապարակ։ Հետո Բիլլը գնաց նամակներ գրելու, իսկ Կոնը գնաց վարսավիրանոց։ Վարսավիրանոցը դեռ փակ էր, և նա վճռեց գնալ հյուրանոց, լոգանք ընդունել, իսկ ես դեռ նստած մնացի սրճարանում, որից հետո գնացի զբոսնելու քաղաքում։ Շատ շոգ էր, բայց աշխատում էի քայլել փողոցի ստվերոտ կողմով, անցա շուկայով և ուրախ էի, որ նորից տեսնում եմ այս քաղաքը։ Մտա Ayuntamiento[11] ու գտա այն ծերուկին, որ ամեն տարի ինձ համար ցլամարտի տոմսեր էր պատվիրում, իմացա, որ նա ստացել է Փարիզից իմ ուղարկած փողը և նորացրել է աբոնեմենտը, այնպես որ, բոլոր հարցերը լուծված էին։ Նա արխիվարիուս էր և քաղաքի բոլոր արխիվները նրա գրասենյակում էին։ Ի դեպ, սա ոչ մի կապ չունի մեր պատմության հետ։ Նրա գրասենյակում կար կանաչ մահուդով պատված մի դուռ, և մի ուրիշ դուռ էլ ամուր փայտից, և երբ ես դուրս եկա՝ թողնելով նրան իր արխիվների մեջ, որ ծածկել էին բոլոր պատերը, երկու դուռն էլ ծածկեցի ու փողոց դուրս եկա, դռնապանն ինձ կանգնեցրեց, որպեսզի խոզանակի բաճկոնս։

― Դուք, հավաբավար, մեքենայով եք եկել, ― ասաց նա։

Բաճկոնիս օձիքը և ուսերը փոշուց մոխրագույն էին դարձել։

― Այո, Բայոննայից։

― Այդպես է որ կա, ― ասաց նա։ ― Ձեր շորերին նստած այս փոշուց ես գիտեի, որ մեքենայով եք եկել։

Նրան երկու պղնձադրամ տվեցի։

Փողոցի ծայրին տեսա տաճարը և քայլեցի այն կողմ։ Երբ առաջին անգամ տեսա տաճարը, ճակատամասն ինձ տգեղ թվաց, բայց հիմա այն ինձ դուր եկավ։ Ներս մտա։ Ներսում խավար էր, մութ, դեպի վեր էին խոյանում սյուները, մարդիկ աղոթում էին, խունկի հոտ էր բուրում, տաճարն ուներ մի քանի հիանալի, բարձր ապակենախշ լուսամուտներ։ Ծունկի իջա և սկսեցի աղոթել, աղոթեցի բոլոր նրանց համար, ում հիշում էի․ Բրեթի ու Մայքլի համար, և նրանց համար, ում սիրում էի, և հետո միանգամից մնացած բոլորի համար, հետո նորից ինձ համար աղոթեցի և զգացի, որ քունս տանում է, ուստի սկսեցի աղոթել ու մեկ էլ հասկացա, որ վատ չի լինի մի քիչ փող ունենալ, և սկսեցի աղոթել, որ շատ փող ունենամ, բայց հետո էլ սկսեցի միտք անել, թե ոնց պիտի կարողանամ փող շահել ու այդպես հիշեցի կոմսին, մտածեցի, թե նա որտեղ է արդյոք հիմա, ափսոսացի, որ նրան չէի տեսել Մոնմարթրում այն երեկոյից հետո, փորձեցի հիշել, թե այն ինչ զվարճալի բան էր պատմում նրա մասին Բրեթը, և քանի որ այդ ամբողջ ժամանակ ծունկի եկած, գլուխս հենած դիմացիս փայտե նստարանին համարում էի, թե աղոթում եմ, մի քիչ ամաչեցի և ափսոսացի, որ այդքան վատ կաթոլիկ եմ, սակայն և հասկանում էի, որ ոչինչ փոխել չեմ կարող, համենայն դեպս հիմա, գուցև երբեք, բայց և որ, համենայն դեպս, դա հզոր կրոն է, որ շատ լավ տրվել կրոնական մտքերին, որ միգուցե մյուս անգամ դա ինձ հաջողվի․ հետո փողոց դուրս եկա, կանգնել էի տաճարի աստիճաններին, շոգ արևի տակ, աջ ձեռքիս ցուցամատը, միջին և բութ մատներս դեռ խոնավ էին, և զգում էի, ինչպես չորանում է մատներիս խոնավությունը արևի տակ։ Արևը սոսկալի այրում էր, հյուրանոց վերադարձա նրբանցքներով, տների ստվերների տակ թաքնվելով։

Երեկոյան, ընթրիքի ժամանակ տեսանք, որ Կոնը լոգանք է ընդունել, սափրվել, մազերը կարգի է բերել, գլուխը լվացել ու մազերին ինչ֊որ բան է քսել, որ ցից֊ցից չկանգնեն։ Նա նյարդային վիճակում էր, և ես ոչնչով չէի փորձում նրան օգնել։ Սան֊Սեբաստիանից գնացքը ժամանում էր ժամը իննին և Բրեթն ու Մայքլը միայն այդ գնացքով կարող էին գալ։ Իննին քսան պակաս, երբ մեր ընթրիքի դեռ կեսն էլ չէինք կերել, Ռոբերտը վեր կացավ և ասաց, որ գնում է կայարան։ Ասացի, որ կգնամ իր հետ, հենց այնպես, որպեսզի մի քիչ չարացնեմ նրան։ Բիլլն ասաց, որ մեռնի էլ, տեղից չի շարժվի, մինչև ընթրիքը չավարտի։ Ես նրան ասացի, որ մենք շատ շուտով կվերադառնանք։

Գնացինք կայարան։ Ինձ հաճույք էր պատճառում Կոնի նյարդայնացած վիճակը։ Հույս ունեի, որ Բրեթը կգա այդ գնացքով։ Կայարանում պարզվեց, որ գնացքն ուշանում է, ու մենք կայարանից դուրս, մթության մեջ ուղեբեռի սայլակին նստած սպասում էինք գնացքին։ Երբեք, չհաշված պատերազմը, տեսած չկայի, որ մարդն այնպես հուզվեր կամ այնպես անհամբեր լիներ, ինչպես Ռոբերտ Կոնը հիմա։ Դա ինձ հաճույք էր պատճառում։ Իհարկե խոզություն էր հաճույք ստանալ նման բանից, և ինձ հենց խոզ էլ զգում էի։ Կոնը մի զարմանալի հատկություն ուներ մարդու մեջ ամենավատ բաներն արթնացնելու։

Վերջապես հեռավոր սուլոց լսեցինք սարի մյուս կողմից, իսկ հետո տեսանք դեպի սարը բարձրացող գնացքի լույսերը։ Մտանք կայարան և դիմավորողների հետ կանգնեցինք հենց ցանցապատի մոտ․ գնացքը մոտեցավ ու կանգնեց, ուղևորներն սկսեցին դուրս գալ դեպի ելքը։

Բրեթն ու Մայքլը ուղևորների մեջ չէին։ Սպասեցինք մինչև բոլորը դուրս եկան, անցան կայարանից և ավտոբուսներ նստեցին, կառք վերցրին և կամ ոտքով գնացին իրենց դիմավորող ընկերների ու բարեկամների հետ։

― Այդպես էլ գիտեի, որ չեն գալու, ― ասաց Կոնը։ Վերադառնում էինք հյուրանոց։

― Իսկ ես կարծում էի, կգան, ― ասացի։

Երբ վերադարձանք ճաշարան, Բիլլը միրգ էր ուտում և վերջացնում էր գինու շիշը։

― Ինչ է, չեկա՞ն։

― Ոչ։

― Կոն, դեմ չե՞ք, եթե վաղն առավոտյան տամ հարյուր պեսետը, ― հարցրեց Բիլլը։ ― Փողս դեռ չեմ փոխել։

― Ա, դա մոռացեք, ― ասաց Ռոբերտ Կոնը։ ― Ավելի լավ է եկեք ուրիշ գրազ բռնենք։ Կարելի՞ է գրազ բռնել ցլամարտի վրա։

― Կարելի է, ― ասաց Բիլլը, ― սակայն պետք չէ։

― Դա նույնն է, թե գրազ բռնես պատերազմի վրա, ― ասացի ես։ ― Այդտեղ նյութական շահագրգռվածության խնդիր չկա։

― Ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել ցլամարտը, ― ասաց Ռոբերտը։

Մեր սեղանին մոտեցավ Մոնտոյան։ Նրա ձեռքին հեռագիր կար։

― Սա ձեզ է ուղղված, ― հեռագիրը տվեց ինձ։

Կարդացի․ «Մնացինք գիշերելու Սան֊Սեբաստիանում»։

― Նրանցից է, ― ասացի։ Հեռագիրը դրեցի գրպանս։ Ուրիշ դեպքում այն ցույց կտայի։

― Նրանք կանգ են առել Սան֊Սեբաստիանում, ― ասացի ես։ ― Ձեզ բարևում են։

Թե ինչու էի ուզում նրան գազազեցնել, ինքս էլ չգիտեմ։ Ասենք, գիտեմ։ Ես կուրորեն, կատաղի խանդում էի նրան այն բանի համար, ինչ եղել էր։ Թեև հասկանում էի, որ դրա մեջ զարմանալի ոչինչ չկար, որ այդպես էլ պետք է լիներ, սակայն, միևնույն է, փաստը մնում էր փաստ։ Ես իսկապես ատում էի նրան։ Չեմ կարծում, որ այդպես իսկապես ատում էի մինչ այն պահը, երբ նա նախաճաշի ժամանակ իրեն ամենագետի տեսք էր տվել ու հետո էլ գնաց վարսավիրանոց իրեն գեղեցկացնելու։ Հեռագիրը գրպանս դրի։ Ամեն դեպքում, այն ինձ էր հասցեագրված։

― Որ այդպես է, ― ասացի, ― ամենաճիշտը կլինի ցերեկային ավտոբուսով մեկնել Բուրգետե։ Եթե նրանք վաղը երեկոյան գան, թող հասնեն մեզ։

Սան֊Սեբաստիանից միայն երկու գնացք էր գալիս․ մեկը առավոտյան վաղ, իսկ մյուսը՝ երեկոյան, որը մենք գնացինք դիմավորելու։

― Լավ միտք է, ― ասաց Կոնը։

― Ինչքան շուտ հասնենք գետին, այնքան լավ։

― Ինձ համար մեկ է, թե երբ կգնանք, ― ասաց Բիլլը, ― ինչքան շուտ, այնքան լավ։

Նստեցինք Իրունյա սրճարանում և սուրճ խմեցինք, հետո քայլեցինք մինչև ցլամարտի մրցարանը, զբոսնեցինք դաշտում և զառիթափի եզրի ծառերի տակ, նայեցինք ցած, դեպի մութ գետը, հետո ես շուտ պառկեցի քնելու։ Բիլլը և Կոնը հավանաբար երկար էին նստել սրճարանում, որովհետև, երբ նրանք վերադարձել էին, ես արդեն քնած էի։

Առավոտյան ավտոբուսի երեք տոմս գնեցի մինչև Բուրգետե։ Ավտոբուսը մեկնում էր ցերեկը։ Ժամը երկուսին։ Դրանից շուտ գնալու ոչ մի հնարավորություն չկար։ Իրունյա սրճարանում նստած թերթ էի կարդում, երբ տեսա Ռոբերտ Կոնին, որ հրապարակը կտրելով գալիս էր դեպի սրճարան։ Նա մոտեցավ իմ սեղանին և նստեց դիմացի հյուսկեն բազկաթոռին։

― Շատ հարմարավետ սրճարան է, ― ասաց նա։ ― Լա՞վ քնեցիր, Ջեյք։

― Մեռածի պես։

― Ես վատ եմ քնել։ Դե, ես ու Բիլլը ուշ պառկեցինք։

― Որտե՞ղ էիք։

― Այստեղ։ Իսկ երբ այս սրճարանը փակեցին, գնացինք ուրիշ սրճարան, որի ծեր տերը խոսում է գերմաներեն և անգլերեն։

― Սուիսո սրճարանը։

― Այո, այո։ Շատ հաճելի ծերուկ է։ Իմ կարծիքով նրա սրճարանը սրանից լավն է։

― Ցերեկն այնտեղ այնքան էլ լավ չէ, ― ասացի ես։ ― Շատ շոգ է։ Ի միջի այլոց ավտոբուսի տոմսերը գնել եմ։

― Ես այսօր չեմ մեկնի։ Դու և Բիլլը գնացեք։

― Բայց չէ որ ձեզ համար տոմս եմ գնել։

― Ինձ տվեք տոմսը։ Ես փողը ետ կստանամ։

― Արժե հինգ պեսետ։

Ռոբերտ Կոնը հանեց գրպանից հինգ պեսետանոց արծաթադրամ և տվեց ինձ։

― Ես պետք է մնամ, ― ասաց նա։ ― Հասկանում եք, վախենում եմ, թե թյուրիմացություն է եղել։

― Նրանք կարող են գալ և երեք օրից, և չորս օրից հետո, ― ասացի ես։ ― Հավանաբար զվարճանում են Սան֊Սեբաստիանում։

― Հենց բանն էլ այդ է, ― ասաց Ռոբերտը։ ― Ինձ թվում է, որ նրանք հույս ունեին հանդիպելու ինձ Սան֊Սեբաստիանում և դրա համար էլ մնացել են այնտեղ։

― Ինչո՞ւ եք այդպես կարծում։

― Որովհետև Բրեթին գրել էի այդպես։

― Գրողը տանի, ուրեմն ինչո՞ւ չմնացիք այնտեղ և չսպասեցիք նրանց․․․ ― արդեն սկսեցի ես, բայց չշարունակեցի, մտածելով, որ այդ միտքը իր գլուխն էլ պիտի գա, թեև կարծես դա տեղի չունեցավ։

Հիմա արդեն նա չէր քաշվում, այն բանից հետո, որ ինձ հասկացնել տվեց, թե իր և Բրեթի մեջ մի կապ կա, նրա համար այլևս հաճելի էր ինձ հետ խոսել։

― Ես ու Բիլլը նախաճաշից անմիջապես հետո մեկնում ենք, ― ասացի։

― Ափսոս, որ ես չեմ կարող գալ։ Ամբողջ ձմեռ մենք երազում էինք այս ձուկ բռնելու մասին։ ― Նա նույնիսկ սենտիմենտալ տեսք ընդունեց։ ― Սակայն պետք է մնամ։ Իսկապես պետք է մնամ։ Հենց որ նրանք գան, անմիջապես նրանց կբերեմ։

― Գնանք գտնենք Բիլլին։

― Ես պետք է վարսավիրանոց գնամ։

― Լավ, կհանդիպենք նախաճաշին։

Բիլլն իր սենյակում էր։ Նա սափրվում էր։

― Գիտեմ, գիտեմ, նա ինձ ամեն ինչ պատմեց երեկ երեկոյան, ― ասաց Բիլլը։ ― Սիրտը բացեց։ Ասաց, որ ինքը պայմանավորված է Բրեթի հետ հանդիպելու Սան֊Սեբաստիանում։

― Սուտ է ասում սրիկան։

― Լավ, լավ, ― ասաց Բիլլը։ ― Մի բարկանա։ Զայրանալու համար դեռ շուտ է, նոր ենք ճամփա ընկել։ Բայց, համենայն դեպս, մի ասա էդ որտե՞ղ ես հաջողացրել սրա հետ բարեկամանալ։

― Օհ, վերքերս մի նորոգիր։

Բիլլն ինձ դարձրեց կիսով չափ սափրված դեմքը, հետո, դեմքն օճառելով, շարունակեց հետս խոսել հայելու մեջ։

― Կարծեմ սա էր անցյալ ձմեռ եկել մոտս Նյու֊Յորք քո նամակով, այնպես չէ՞։ Բարեբախտաբար ես մոլի ճամփորդող եմ։ Էլ ուրիշ հրեա ընկերներ չունեի՞ր, որ հետդ բերեիր, հը։ ― Նա բութ մատով տրորեց կզակը, նայեց ինձ և նորից սկսեց սափրվել։

― Դու էլ պակաս ընկերներ չունես։

― Ճիշտ է։ Վատերն էլ են լինում։ Բայց Ռոբերտ Կոնին չեն հասնի։ Իսկ ամենածիծաղելին այն է, որ նա լավն է, նա ինձ դուր է գալիս։ Բայց և ուղղակի անտանելի է։

― Երբեմն նա շատ լավն է լինում։

― Գիտեմ։ Հենց դա է սարսափելի։

Ես ծիծաղեցի։

― Քեզ ինչ կա որ, կծիծաղես, ― ասաց Բիլը։ ― Դու երեկ մինչև գիշերվա երկուսը չես նստել նրա հետ։

― Ինչ է, դժվա՞ր էր։

― Սարսափելի։ Դա ի՞նչ պատմություն է Բրեթի հետ։ Մի՞թե նրանց մեջ որևէ բան է եղել։

Նա բռնել էր կզակը և աջ ու ձախ էր շրջում։

― Իհարկե, եղել է։ Բրեթը նրա հետ էր Սան֊Սեբաստիան գնացել։

― Ի՜նչ հիմարություն է։ Ինչո՞ւ էր այդ արել։

― Ուզում էր քաղաքից մեկնել, իսկ մենակ նա ոչ մի տեղ չի կարողանում գնալ։ Ասում է, մտածում էր, որ դա Կոնի համար օգտակար կլինի։


― Ո՜նց են մարդիկ այսպիսի կատարյալ ապուշություններ անում։ Ինչո՞ւ նա իր մոտիկներից որևէ մեկի հետ չի մեկնել։ Կամ հենց քեզ հետ։ ― Նրա խոսքը բերանում մնաց, հետո շտապով ավելացրեց։ ― Կամ էլ ինձ հետ։ Ինչո՞ւ ոչ ինձ հետ։ ― Նա ուշադիր նայեց իրեն հայելու մեջ, յուրաքանչյուր այտոսկրին մի֊մի մեծ գունդ փրփուր դրեց։ ― Ահա ազնիվ դեմք, դեմք, որին ամեն կին կարող է վստահել։

― Նա երբեք այդ դեմքը չի տեսել։

― Իսկ լավ կլիներ։ Բոլոր կանայք պետք է այն տեսնեին։ Այդ դեմքը պետք է ցուցադրես բոլոր կինոէկրաններում, բոլոր երկրներում։ Յուրաքանչյուր կնոջ ամուսնանալուց հետո պետք է ցույց տալ այդ դեմքի լուսանկարները։ Մայրերը պետք է իրենց դստրերին ասեն այդ դեմքի մասին։ Որդիս, ― նա իմ կողմն ուղղեց սափրիչը, ― գնա դեպի Արևմուտք այս դեմքով և վեհացիր հայրենիքիդ հետ միասին։

Նա կռացավ թասի վրա, դեմքը լվաց սառը ջրով, շփեց օծանելիքով, հետո ուշադիր նայեց իրեն հայելու մեջ, ներս քաշելով վերևի երկար շրթունքը։

― Ասրտվա՜ծ իմ, ― ասաց նա։ ― Ինչ զզվելի դեմք է։

Հետո լռեց, շարունակելով նայել իրեն հայելու մեջ։

― Իսկ ինչ վերաբերում է այդ Ռոբերտ Կոնին, ― ասաց Բիլլը, ― ես զզվում եմ նրանից, ու թող նա գրողի ծոցը գնա, և շատ ուրախ եմ, որ նա մնում է այստեղ, որ մենք գնում ենք ձուկ որսալու, և նա չի գա մեզ հետ։

― Ճիշտ ես ասում։

― Մենք գնում ենք իշխան որսալու։ Մենք գնում ենք իշխան որսալու Իրատի գետում, և մենք հիմա նախաճաշին մի լավ կխմենք այստեղի գինուց ու հետո հիանալի կճամփորդենք ավտոբուսով։

― Շատ լավ։ Գնանք Իրունյա սրճարան և սկսենք, ― ասացի ես։


Գլուխ տասնմեկերորդ

Երբ նախաճաշից հետո ճամպրուկներս ու կարթերն առած դուրս եկանք հյուրանոցից և քայլեցինք դեպի Բուրգետե տանող ավտոբուսը, հրպարակում արևը պարզապես այրում էր։ Ավտոբուսի վերևում արդեն մարդիկ էին նստած, աստիճաններով դեռ էլի շարունակում էին բարձրանալ։ Բիլլը վերև բարձրացավ, Ռոբերտն էլ նստեց նրա կողքին, որպեսզի ինձ համար տեղ գրավի, իսկ ես ետ գնացի հյուրանոց ու մի քանի շիշ գինի վերցրի ճանապարհի համար։ Երբ վերադարձա, ավտոբուսը լեփ֊լեցուն էր։ Ավտոբուսի տանիքին լցված ճամպրուկների և արկղերի վրա ուղևորներ էին նստած, բոլոր կանայք գործի էին դրել իրենց հովհարները։ Չափազանց շոգ էր։ Անտանելի շոգ էր։ Ռոբերտն իջավ, ազատելով ինձ համար պահած տեղը, ու ես տեղավորվեցի միակ փայտե նստարանին, որ ձգվում էր տանիքի ամբողջ երկայնությամբ։

Ռոբերտ Կոնը կամարաշարի ստվերում կանգնած սպասում էր, մինչև մենք կշարժվենք։ Մի բասկ կիսապառկել էր մեր ոտքերի մոտ, գինու տիկը ձեռքին։ Նա տիկը մեկնեց ինձ ու Բիլլին, ու երբ բարձրացրի տիկը, որ խմեմ, բասկը հանկարծ ավտոմեքենայի շչակը հիշեցնող այնպիսի մի ձայն հանեց, որ գինին թափեցի, ու բոլորը ծիծաղեցին։ Նա ներողություն խնդրեց և պնդեց, որ նորից խմեմ։ Քիչ անց նա նորից նույն ձայնը հանեց, և ես նորից հանկարծակիի եկա։ Նա այդ շատ լավ էր կարողանում անել։ Բասկերը շատ ուրախ էին։ Բիլլի հարևանը խոսեց նրա հետ իսպաներեն, սակայն Բիլլը ոչինչ չհասկացավ, ուստի նրան մեկնեց մեր գինիներից մի շիշ։ Հարևանը հրաժարվեց, ասաց, որ շատ շոգ է, ու չափազանց շատ է խմել նախաճաշին։ Երբ Բիլլը երկրորդ անգամ մեկնեց նրան շիշը, նա մի մեծ կում արեց, հետո շիշը ձեռքից ձեռք անցավ ավտոբուսի մեր նստած մասում։ Ամեն մեկը քաղաքավարի կերպով մի կում էր անում, հետո նրանք ստիպեցին մեզ շիշը փակել և պահել։ Նրանք ուզում էին, որ մենք խմենք իրենց կաշվե տիկերից, և բոլորն իրար առաջ կտրելով մեզ էին մեկնում իրենց տիկերը։ Նրանք բոլորն էլ գյուղացիներ էին, գնում էին լեռներ։

Վերջապես, երբ ազդանաշանը նմանակող բասկը մի երկու անգամ էլ մեզ խաբեց, ավտոբուսը շարժվեց, և Ռոբերտ Կոնը ձեռքով արեց մեզ հրաժեշտ տալով, բոլոր բասկերը ձեռքով արեցին նրան ի պատասխան։ Հենց որ դուրս եկանք քաղաքից, եղանակը ցրտեց։ Հաճելի էր այդպես բարձր նստած անցնել հենց ծառերի տակով։ Ճանապարհի այդ մասում վայրեջք էր, ավտոբուսը բավական արագ էր գնում՝ փոշու ամպ բարձրացնելով, և փոշին նստում էր ծառերին, իսկ տերևների արանքից երևում էր քաղաքը, որ մնացել էր ետևում՝ գետի վրայի զառիվներին։ Ծնկներիս հենված բասկը, որ կիսապառկած էր, տիկի բերանով ցույց տվեց քաղաքն ու աչքով արեց ինձ։ Հետո գլխով ցույց տալով, հարցրեց․

― Գեղեցիկ է, չէ։

― Լավ մարդիկ են այս բասկերը, ― ասաց Բիլլը։

Ոտքերիս հենված բասկի մաշկը արևից թամբի գույն էր ստացել։ Նրա հագին, ինչպես և մյուս բոլոր բասկերի հագին սև վերնաշապիկ էր։ Արևարարված վիզն ակոսված էր կնճիռներով։ Նա շրջվեց և Բիլլին մեկնեց իր գինու տիկը։ Բիլլը նրան մեկնեց մեր շշերից մեկը։ Բասկը ցուցամատը թափ տվեց Բիլլի քթի առաջ և վերադարձրեց նրան շիշը, ձեռքի ափով փակելով շշի բերանը։ Նա ցած դրեց գինու տիկը։

― Arriba! Arriba![12] ― ասաց նա։ ― Բարձրացրեք։

Բիլլը տիկը բարձրացրեց և, գլուխը ետ գցելով, բերանը մոտեցրեց գինու շիթին։ Երբ խմելը վերջացրեց ու տիկը ցած դրեց, գինու շիթ էր հոսում նրա կզակից։

― Ոչ, ոչ, ― խոսեցին բասկերը։ ― Այդպես չէ։

Ինչ֊որ մեկը տիկը խլեց տիրոջ ձեռքից, որն ինքն էր պատրաստվում ցույց տալ, թե ինչպես պետք է խմել։ Տիկը խլողը երիտասարդ էր, նա տիկը բռնեց, գլխից վեր բարձրացրեց ու ամուր սեղմեց այնպես, որ գինին ֆշշալով լցվեց բերանը։ Նա տիկն իրենից հեռու էր պահել, գինու շիթը թեք հետագիծ գծելով լցվում էր նրա բերանը, և նա կուլ էր տալիս հանգիստ չափով։

― Հե՜յ, ― ձայն տվեց գինու տերը, ― էդ ո՞ւմ գինին ես խմում։

Տղան նրան ի պատասխան ճկույթը թափահարեց և ժպտաց մեզ աչքերով։ Հետո, տիկի բերանը վեր բարձրացնելով նա միանգամից կանգնեցրեց շիթը և տիկը ցած դրեց ու տվեց տիրոջը։ Նա աչքով արեց մեզ բոլորիս։ Տիկի տերը տխուր թափահարեց տիկը։

Մտանք ինչ֊որ մի գյուղ, կանգ առանք պանդոկի մոտ և վարորդը մի քանի փոստային կապոցներ վերցրեց։ Հետո շարունակեցինք մեր ճամփան։ Գյուղից դուրս գալով ճանապարհն սկսեց դեպի վեր բարձրանալ։ Անցնում էինք ֆերմաների միջով, շուրջը ցանված արտեր էին ու շեշտակի թեքությամբ դեպի այդ արտերն էին իջնում քարքարոտ զառիվայրերը։ Հացահատիկի հասկերը վեր էին սողում այդ զառիվայրերի մեջ։ Հիմա, երբ մենք ավելի վեր էինք բարձրացել, քամին ավելի ուժեղ էր ծփում հասկերը։ Ճանապարհը սպիտակ էր և փոշոտ, անիվների տակից փոշին բարձրանում էր ու մնում կանգնած օդում, մեր ետևում։ Ճանապարհը շարունակ բարձրանում էր դեպի լեռներ, և ծաղկած դաշտերը մնում էին ցածում։ Այժմ միայն մերթընդմերթ երևում էին մանր֊մանր արտեր գետի երկու կողմերում բարձրացող սարերի լերկ լանջերին։ Մեքենան կտրուկ քշվեց դեպի ճանապարհի եզրը, որպեսզի ճամփա տա լծված ջորիներին․ վեց ջորի մեկը մեկի ետևից շարժվելով քարշ էին տալիս բարձր, ապրանքով լցված սայլը։ Սայլն ու ջորիները փոշու մեջ կորած էին։ Առաջին սայլից հետո շարժվում էր նորից ջորիներ լծված երկրորդ սայլը։ Դրա մեջ փայտ էր լցված, և երբ մենք անցնում էինք կողքից, սայլապանը կռացավ ու փայտե արգելակող քոթուկները դրեց սայլի անիվների տակ։ Այստեղ տեղանքը բոլորովին լերկ էր, լանջերը քարքարոտ, կավը կոշտացել էր ու ակոսվել անձրևներից։

Ճանապարհի դարձումից հետո հանկարծ մեր առջև բացվեց մի կանաչ հովիտ, որի միջով գետակ էր անցնում։ Գյուղը փռված էր գետի աջ և ձախ կողմերում, խաղողի վազերը գրեթե տների բարձրության էին։

Ավտոբուսը կանգնեց մի կրպակի առաջ և ուղևորներից շատերը իջան, ավտոբուսի տանիքին տեղավորված բեռների մի մասը դուրս քաշեցին բրեզենտի տակից ու ցած իջեցրին։ Ես և Բիլլը նույնպես իջանք և մտանք կրպակ։ Դա մի ցածրառաստաղ, կիսամութ սենյակ էր, առաստաղից կախված էին թամբեր և լծասարքեր, սպիտակ փայտե եղաններ, պարանից ներբանով պարուսինե կոշիկներ, ապխտած խոզի միս և ճարպ, թելին շարված սխտոր, երկար երշիկներ։ Այստեղ զով էր ու կիսամութ, կանգնել էինք երկար փայտե վաճառասեղանի մոտ, որի ետև երկու կին գինի էին վաճառում։ Վաճառասեղանի ետևում գտնվող դարակներին դարսված էին ուտելիքներ և զանազան ապրանքներ։

Խմեցինք մի֊մի բաժակ aguardiente,[13] վճարելով քառասուն սենտիմո երկու ըմպանակի համար։ Ես կնոջը տվեցի հիսուն սենտիմո, որ նա իր համար թեյանվեր վերցնի, սակայն նա վերադարձրեց մանրոնը, ենթադրելով, թե գինը չեմ լսել։

Մեզ հետ ճամփորդող բասկերից երկուսը ներս մտան և անպայման ուզեցին մեզ հյուրասիրել։ Նրանք գինի գնեցին, հետո մենք հյուրասիրեցինք նրանց, նրանք թփթփացրին մեր ուսերին և մի անգամ էլ մեզ հյուրասիրեցին։ Հետո մենք նորից մի շիշ գնեցինք և հյուրասիրեցինք նրանց, որից հետո բոլորս միասին դուրս եկանք այրող արևի տակ ու նորից բարձրացանք մեր ավտոբուսի տանիքը։ Հիմա բոլորի համար էլ բավականաչափ տեղ կար, և այն բասկը, որ առաջ պառկած էր երկաթյա տանիքին, տեղավորվել էր իմ և Բիլլի միջև։ Մեզ համար օղի լցնող կինը դուրս եկավ կրպակից, ձեռները գոգնոցով սրբելով, խոսեց ավտոբուսում նստած ինչ֊որ մեկի հետ։ Դուրս եկավ և վարորդը, երկու դատարկ փոստային պայուսակ բռնած, բարձրացավ իր տեղը, ու ձեռքներս թափահարելով և հրաժեշտ տալով բոլորին, մենք շարժվեցինք։

Կանաչ հովիտը իսկույն մնաց ետևում, և մենք նորից լեռներում էինք։ Բիլլը զրուցում էր բասկի հետ, որ գինու տիկ ուներ։ Մեկը նստարանի թիկնակի ետևից թեքվեց դեպի մեզ և հարցրեց անգլերեն․

― Դուք ամերիկացինե՞ր եք։

― Այո։

― Ես այնտեղ ապրել եմ, ― ասաց նա։ ― Քառասուն տարի առաջ։

Խոսողը մի ծերուկ էր, բոլորի նման թխամաշկ։ Ճերմակ խոզանամորուքով։

― Էհ, և ի՞նչ։

― Ի՞նչ ասացիք։

― Ամերիկան ինչպե՞ս էր։

― Օհ, ես Կալիֆորնիայում էի։ Հիանալի էր։

― Հապա ինչո՞ւ այնտեղից մեկնեցիք։

― Ի՞նչ ասացիք։

― Ինչո՞ւ վերադարձաք։

― Օհ, վերադարձա, որպեսզի ամուսնանամ։ Մտադիր էի նորից գնալ, բայց կինս չի սիրում ճամփորդել։ Դուք որտեղի՞ց եք։

― Քանզաս֊Սիթիից։

― Ես այնտեղ եղել եմ, ― ասաց նա։ ― Եղել եմ Չիկագոյում, Սենթ֊Լուիսում, Քանզաս֊Սիթիում, Դենվերում, Լոս֊Անջելոսում, Սոլթ֊Լեյք֊Սիթիում։ Նա ջանադրորեն թվարկում էր բոլոր քաղաքները։

― Ամերիկայում շա՞տ եք ապրել։

― Տասնհինգ տարի։ Հետո վերադարձա ու ամուսնացա։

― Խմե՞նք։

― Խմենք, ― ասաց նա։ ― Ա՜յ սա Ամերիկայում չես գտնի, չէ՞։

― Ինչքան ուզես կա, միայն փող ունենաս։

― Իսկ ինչո՞ւ եք եկել այստեղ։

― Եկել ենք Փամփլոնա, ֆիեստան նայելու։

― Ցլամարտ սիրո՞ւմ եք։

― Իհարկե։ Իսկ դո՞ւք։

― Այո, ― ասաց նա։ ― Թերևս սիրում եմ։ ― Հետո, քիչ անց, նորից հարց տվեց․ ― Իսկ հիմա ո՞ւր եք գնում։

― Բուրգետե, ձուկ բռնելու։

― Դե, ― ասաց նա, ― հուսով եմ, որ կհաջողվի ձուկ բռնել։

Նա սեղմեց իմ ու Բիլլի ձեռքերը, հետո նորից մեջքը դարձրեց ինձ։ Մյուս բասկերը նայում էին նրան հարգանքով։ Նա հարմար տեղավորվեց, և երբ գլուխս շրջեցի, որ նայեմ բնությանը, ժպտաց ինձ։

Սակայն ամերիկացիների հետ խոսելու համար թափած ջանքերը, երևում է, հոգնեցրել էին նրան։ Նա այլևս ոչ մի խոսք չասաց։

Ճանապարհը շարունակ դեպի վեր էր բարձրանում։ Տեղանքը մերկ էր, կավահող, այս ու այն կողմ քարեր էին ցցված։ Ճանապարհաեզրին խոտ էր աճում։ Ետ նայելով, տեսնում էինք միայն ներքևում սփռված հովիտը։ Հեռվում, սարալանջերում երևում էին դաշտերի կանաչ, և շագանակագույն քառակուսիները։ Հորիզոնը փակում էին լեռները՝ գորշ, տարօրինակ ուրվագծերով։ Մեր բարձրանալուն հետ, շրջապատի պատկերը փոխվում էր։ Ավտոբուսը, դանդաղ վեր էր սողում զառիվեր ճանապարհով, և հարավում երևում էին նոր լեռներ։ Հետո ճանապարհը սկսեց ցած իջնել, հավասարվեց և մտավ անտառ։ Դա խցանի կաղնու անտառ էր, և արևի ճառագայթները խրձերով ներս էին թափանցում տերևների արանքից, իսկ անտառի խորքում, ծառերի տակ արածում էին անասուններ։ Հետո դուրս եկանք անտառից, ճանապարհը նորից սկսեց բարձրանալ, և մեր առջև բացվեց ալիքաձև կանաչ հարթավայր, որի ետևում վեր էին խոյանում մու լեռները։ Դրանք նման չէին շագանակագույն, արևից կիզված այն լեռներին, որ մնացին ետևում։ Դրանք ծածկված էին անտառով, որի գլխին իջնում էին ամպերը։ Ցանկապատներով կտրատված կանաչ հովիտը տարածվում էր հեռու, և այն հարավից դեպի հյուսիս կտրող ճանապարհը սպիտակին էր տալիս հովիտը երկու կողմից եզերող ծառերի մեջ։ Երբ հասանք բարձրունքի գագաթին, մեր առջև բացվեցին Բուրգետեի կարմիր տանիքներով սպիտակ տները, որ շարվել էին հարթավայրում, իսկ նրանց ետևում, ամենամթին լեռան բարձունքին փայլեց Ռոնսեվալի վանքի գորշ թիթեղյա տանիքը։

― Ահա Ռոնսեվալը, ― ասացի ես։

― Ո՞ւր է։

― Նայիր, այնտեղ, որտեղից սկսվում են լեռները։

― Այստեղ ցուրտ է, ― ասաց Բիլլը։

― Այո, այստեղ շատ բարձր է, ― ասացի։ ― Հավանաբար մի հազար երկու հարյուր մետր կլինի։

― Սարսափելի ցուրտ է, ― ասաց Բիլլը։

Ավտոբուսը իջավ դեպի ուղիղ ու հարթ ճանապարհը, որ տանում էր Բուրգետե։ Մենք անցանք խաչմերուկը և հետո գետի վրայի կամուրջը։ Բուրգետեի տները շարված էին ճանապարհի երկու կողմերում։ Նրբանցքներ չկային։ Ավտոբուսն անցավ եկեղեցու մոտով և կանգ առավ։ Իջանք ավտոբուսից, վարորդը տվեց մեզ մեր ճամպրուկները և կարթերը։ Մեզ մոտեցավ մի կարաբիներ եռանկյունի գլխարկով, դեղին փոկերը խաչաձև կապած։

― Ի՞նչ է այստեղ։

Նա ցույց տվեց կարթերը, որ պարկի մեջ էին։ Ես պարկը բացեցի և ցույց տվեցի։ Նա պահանջեց ներկայացնել ձուկ որսալու մեր թույլտվությունը, որը ես ներկայացրի։ Կարաբիները նայեց ամսաթվին ու ձեռքով նշան արեց շարժվելու։

― Ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրի ես։

― Այո։ Իհարկե։

Դեպի հյուրանոց քայլեցինք սպիտակեցրած տների մոտով, որոնց շեմքերին մարդիկ ուղղակի ընտանիքներով նստոտած նայում էին մեզ։

Հյուրանոցի տիրուհին, մի գեր կին, մեզ ընդառաջ դուրս եկավ խոհանոցից և ձեռքով բարևեց։ Հանեց ակնոցը, սրբեց և նորից դրեց։ Հյուրանոցում շատ ցուրտ էր և դրսում էլ սկսում էր քամի բարձրանալ։ Կինը սպասուհուն մեզ հետ վերև ուղարկեց, որ ցույց տա մեր սենյակը։ Սենյակում դրված էին երկու մահճակալ, պահարան, լվացարան և մեծ շրջանակի մեջ մի փորագրանկար Nuestra Senora de Roncesvalles,[14]

Պատուհանի փակողափեղկերը դռդռում էին քամուց։ Սենյակը հյուրանոցի հյուսիսային կողմում էր։ Մենք լվացվեցինք, հագանք սվիտերներ և իջանք ճաշասենյակ Սա քարե հատակով ցածրառաստաղ մի սենյակ էր, որի պատերը կաղնեփայտով երեսպատված։ Փակոցափեղկերն արդեն ծածկել էին, սակայն սենյակում այնքան ցուրտ էր, որ մեր բերաններից գոլորշի էր բարձրանում։

― Տե՜ր աստված, ― ասաց Բիլլը, ― մի՞թե վաղն էլ այսպես ցուրտ կլինի։ Այս եղանակին ես գետ մտնողը չեմ։

Սենյակի հեռավոր անկյունում, փայտե սեղանների ետև դաշնամուր էր դրված, Բիլլը մոտեցավ և սկսեց նվագել։

― Նվագում եմ, որ տաքանամ, ― ասաց նա։

Դուրս եկա, որ գտնեմ հյուրանոցատիրուհուն ու հարցնեմ նրան, թե ինչքան պետք է վճարենք սենյակի և ուտելու համար։ Նա ձեռքերը ծալեց գոգնոցի տակ և ասաց, առանց ինձ նայելու։

― Տասներկու պեսետ։

― Ի՞նչ եք ասում, մենք Փարիզում ենք այդքան վճարել։

Նա ոչինչ չասաց, միայն հանեց ակնոցն ու սրբեց գոգնոցի ծայրով։

― Դա շատ թանկ է, ― ասացի ես։ ― Մենք նույնիսկ մեծ հյուրանոցում դրանից ավել չենք վճարել։

― Մենք լողարան ենք սարքել։

― Իսկ ավելի էժան սենյակներ չունե՞ք։

― Ամռանը չունենք։ Հիմա ամենալավ ժամանակն է։

Հյուրանոցում մեզնից բացի ոչ ոք չկար։ Ոչինչ, մտածեսցի ես, ընդամենը մի քանի օր ենք մնալու։

― Գինու փողը մտնո՞ւմ է դրա մեջ։

― Անշուշտ։

― Լավ, ― ասացի։ ― Համաձայն եմ։

Վերադարձա Բիլլի մոտ։ Նա բերանից գոլորշի արձակեց, որպեսզի ցույց տա, թե որքան ցուրտ է, և շարունակեց նվագել։ Նստեցի սեղաններից մեկի մոտ ու սկսեցի նայել պատից կախված նկարներին։ Մեկի վրա ճագարներ էին, մեռած, մյուսի վրա նույնպես մեռած փասիաններ, երրորդի վրա բադեր էին, մեռած։ Բոլոր նկարները մթնած էին, ասես ծխահարված։ Բուֆետի վրա շարված էին խմիչքների շշեր։ Մեկ առ մեկ նայեցի դրանք։ Բիլլը դեռ նվագում էր։

― Ի՞նչ կարծիքի ես, տաք ռոմով պունշ չխմե՞նք, ― հարցրեց նա։ ― Միայն նվագելով շատ չես տաքանա։

Դուրս եկա և բացատրեցի հյուրանոցատիրուհուն, թե ինչ բան է ռոմով պունշը և ինչպես պետք է այն պատրաստել։ Քիչ անց սպասուհին սենյակ բերեց քարե մի սափոր, որից գոլորշի էր բարձրանում։ Բիլլը դաշնամուրից հեռացավ և սկսեց խմել տաք պունշն ու ականջ դնել քամու գվվոցին։

― Ռոմը պակաս է։

Մոտեցա բուֆետին, վերցրի ռոմի մի շիշ և կես բաժակ լցրի սափորի մեջ։

― Ինքնակամ, ― ասաց Բիլլը։ ― Ի խախտումն օրենսդրության։

Ներս մտավ սպասուհին և սկսեց ընթրիքի սեղան գցել։

― Այստեղ սոսկալի փչում է, ― ասաց Բիլլը։

Աղջիկը բերեց մի մեծ աման բանջարեղենով սուպ և գինի։ Որպես երկրորդ տվեցին տապակած իշխան, հետո շոգեխաշած միս և մի մեծ ամանով վայրի մորի։ Գինին չէինք խնայում, և սպասուհին մի քիչ շփոթված, բայց պատրաստակամ բերում էր։ Ծեր հյուրանոցատիրուհին մի անգամ ներս մտավ ճաշասենյակ և հաշվեց դատարկ շշերը։

Ընթրիքից հետո բարձրացանք մեր սենյակ և ծխում ու կարդում էինք անկողնում պառկած, որպեսզի տաքանանք։ Գիշերը արթնացա ու լսեցի քամու ոռնոցը։ Հաճելի էր տաք անկողնում պառկել։


Գլուխ տասներկուերորդ

Առավոտյան, հենց արթնացա, մոտեցա պատուհանին և դուրս նայեցի։ Երկինքը պարզել էր, լեռներին ամպեր չկային։ Պատուհանի տակ կանգնած էին մի քանի սայլ ու հին, վատ եղանակներից հալից ընկած փայտե տանիքով հանրակառք։ Սա երևի այստեղ կանգնած էր դեռ այն ժամանակներից, երբ ավտոբուսներ չկային։ Արու այծը թռավ սայլերից մեկի վրա, հետո հանրակառքի տանիքին և այնտեղից գլուխն էր թափահարում ներքևում կանգնած էգ այծերի վրա, իսկ երբ ես ձեռքս թափ տալով վախեցրի նրան, անմիջապես ցած թռավ։

Բիլլը դեռ քնած էր, զգույշ հագնվեցի, կոշիկներս հագա միջանցքում և ցած իջա։ Ներքևում խաղաղություն էր, բացեցի դռան փականքը և դուրս եկա։ Զով առավոտ էր, արևը դեռ չէր հասցրել չորացնել քամու խաղաղվելուց հետո նստած ցողը։ Հյուրանոցի ետևի ցախատանը մի բրիչ գտա և գնացի գետափ, որպեսզի փորեմ և որդեր գտնեմ խայծի համար։ Գետակը վճիտ էր, սակայն ոչ խոր, հազիվ թե այնտեղ իշխան լիներ։ Բրիչը խրեցի խոնավ հողի մեջ և գունդ հող շուռ տվեցի։ Դրա տակ որդեր կային, սակայն հենց հողը շուռ տվեցի, անմիջապես փախան։ Սկսեցի զգույշ փորել և բավական որդ հավաքեցի։ Հենց ջրի մոտ թաց հողը փորելով այնքան որդ հավաքեցի, որ լցրեցի ծխախոտի երկու տուփ և վրան էլ հող ցանեցի։ Այծերը նայում էին, թե ինչպես եմ փորում։

Երբ վերադարձա հյուրանոց, հյուրանոցատիրուհին խոհանոցում էր, ասացի նրան, որ մեզ սուրճ տա և նախաճաշ պատրաստի հետներս տանելու համար։ Բիլլն արթնացել էր և նստած էր անկողնու վրա։

― Տեսա քեզ պատուհանից, ― ասաց նա։ ― Բայց չէի ուզում խանգարել։ Ի՞նչ էիր անում։ Փողե՞րդ էիր հողի մեջ թաղում։

― Շատ ծույլն ես։

― Աշխատում էիր հանուն մեր ընդհանուր բարօրությա՞ն։ Հիանալի է։ Կուզեի, որ ամեն առավոտ շարունակես նույն ոգով։

― Դե, շուտ, ― ասացի։ ― Վեր կաց։

― Ի՞նչ։ Վեր կենա՞մ։ Ես երբեք վեր չեմ կենում։

Մտավ անկողին ու վերմակը քաշեց մինչև կզակը։

― Դե, փորձիր համոզել, որ վեր կենամ։

Լուռ շարունակում էի հավաքել մեր հանդերձանքը ու դնել ճանապարհորդական պայուսակի մեջ։

― Հը, չե՞ս ուզում փորձել, ― հարցրեց Բիլլը։

― Գնում եմ ցած նախաճաշելու։

― Նախաճաշելո՞ւ։ Բա ինչո՞ւ չէիր ասում, որ գնում ես նախաճաշելու։ Կարծում էի հենց այնպես, կատակ ես անում, որ վեր կենամ։ Նախաճաշելո՞ւ։ Հիանալի է։ Այ դա հասկացա։ Գնա մի քիչ էլ փորփորի, որդ հավաքիր, իսկ ես հիմա կիջնեմ։

― Գրողի ծոցը գնա։

― Աշխատիր հանուն ընդհանուր բարօրության, ― Բիլլը հագավ ներքնազգեստը։ ― Հանդես բեր ծաղր ու գութ։

Պայուսակը, կոթավոր ուռկանն ու կարթերն առած դուրս եկա։

― Լսիր, ետ դարձիր։

Գլուխս դռնից ներս մտցրի։

― Մի՞թե չես ցուցաբերի գոնե փոքր֊ինչ խաղր ու գութ։

Ես նրան քիթ ցույց տվեցի։

― Դա ծաղր չէ։

Աստիճաններով իջնելիս լսում էի, ինչպես Բիլլը երգում էր․ «Ծաղր և Գութ։ Երբ դու այն զգում ես․․․ Օհ, պարգևիր նրանց Ծաղր, պարգևիր և Գութ։ Երբ դու զգում ես․․․ Մի քիչ ծաղրանք։ Մի քիչ գութ․․․»։ Նա երգում էր այնքան, մինչև որ իջավ ցած։ Երգում էր․ «Եկեղեցու զանգերը ղողանջում են ինձ համար, իմ սիրելիի համար․․․» երգի մեղեդիով։ Ես նստած կարդում էի մի շաբաթվա հնության իսպանական թերթ։

― Ինչ ես դուրս տալիս այդ ծաղրի ու գութի մասին։

― Ի՞նչ։ Մի՞թե դու չգիտես Ծաղրի և Գութի մասին։

― Ոչ։ Ո՞վ է դա հորինել։

― Բոլորը։ Նյու֊Յորքում գժվում են դրա համար, ինչպես ժամանակին Ֆրանտելինիի կրկեսի դերասանների համար։

Ներս մտավ սպասուհին սուրճ և կարագ քսած չորացրած հացը ձեռքին։ Ավելի շուտ կարելի է ասել տապակած հացի վրա կարագ քսած։

― Հարցրու նրան՝ ջեմ ունե՞ն, ― ասաց Բիլլը։ ― Մի քիչ ծաղրական խոսիր հետը։

― Ջե՞մ ունեք։

― Ծաղրական ոչինչ չկար։ Ափսոս, ես իսպաներեն խոսել չգիտեմ։

Սուրճը համեղ էր, խմում էինք մեծ գավաթներով։ Սպասուհին բերեց ապակյա փոքրիկ սկահակի մեջ ազնվամորու ջեմ։

― Շնորհակալություն։

― Էհ, եղա՞վ, ― ասաց Բիլլը։ ― Նրան որևէ հեգնական բան ասա։ Մի որևէ պատմություն Պրիմո֊դե֊Ռիվերայի մասին։

― Պետք է ասեի նրան, որ Ռիֆերի հանրապետությունում նրանց կյանքը նման է հեքիաթի։

― Թույլ է, ― ասաց Բիլլը։ ― Շատ թույլ է։ Դու չես կարողանում։ Պարզապես չես կարողանում։ Դու ծաղրելը չես հասկանում ինչ է։ Դու չգիտես, թե խղճալին ինչ է։ Մի խղճալի բան ասա։

― Ռոբերտ Կոն։

― Ստացվեց։ Սա արդեն ավելի հաջող էր։ Իսկ հիմա ասա, թե ինչո՞ւ Ռոբերտ Կոնը արժանի չէ խղճահարության։ Փորձիր հեգնել։

Նա մի մեծ կում արեց սուրճից։

― Վերջ տուր, ― ասացի։ ― Առավոտ վաղ սրամտությունների ժամանակ չէ։

― Ահա, տեսնո՞ւմ ես։ Ու դեռ ուզում ես գրող դառնալ։ Դու եղած֊չեղած մի լրագրող ես։ Հայրենալքյալ լրագրող։ Առավոտյան անկողնուց վեր կենաս թե չէ, հեգնանքով լի պիտի լինես։ Դու հենց վաղ առավոտից պետք է տառապես խղճահարությունից։

― Շարունակիր, ― ասացի։ ― Ո՞վ է քեզ այդ հիմարություններն ասել։

― Բոլորը։ Դու ինչ է, ոչինչ չե՞ս կարդում։ Ոչ մեկին չե՞ս հանդիպում։ Գիտե՞ս դու ով ես։ Դու հայրենալքյալ ես։ Ինչո՞ւ Նյու֊Յորքում չես ապրում։ Այն ժամանակ դու այդ ամենը կիմանայիր։ Ի՞նչ անեմ ես, որ քեզ օգնեմ։ Գուցե ուզում ես, որ ամեն տարի գամ և բացատրե՞մ քեզ այս բոլորը։

― Մի գավաթ սուրճ խմիր, ― ասացի։

― Սուրճը լավ բան է։ Սուրճը օգտակար է քեզ համար։ Նրա մեջ կոֆեին կա։ Բանը հենց կոֆեինն է։ Կոֆեինից տղամարդը նստում է կնոջ ձիուն, իսկ կինը պառկում է նրա գերեզմանում։ Գիտե՞ս քեզ հետ ինչ է կատարվում։ Դու հայրենալքյալ ես, այն էլ ամենավատ տեսակի։ Իր հայրենիքը լքած ոչ մի մարդ դեռ չի գրել այնպիսի մի բան, որ արժանի լինի տպագրելու, նույնիսկ թերթում տպելու։

Նա խմեց վերջացրեց սուրճը։

― Դու հայրենալքյալ ես։ Կտրվել ես քո հայրենիքի հողից։ Փոխվել է քո գրելաձևը։ Եվրոպական կեղծ արտահայտչաձևերը փչացրել են քեզ։ Հարբեցողությունը քեզ կսպանի։ Խելքդ թռցրել ես կանանց համար։ Քո ամբողջ ժամանակը վատնում ես դատարկախոսությամբ։ Դու հայրենալքյալ ես, հասկացա՞ր։ Թրև ես գալիս սրճարաններում։

― Հիանալի կյանք, ― ասացի ես։ ― Իսկ ե՞րբ եմ աշխատում։

― Դու չես աշխատում։ Ոմանք ասում են, թե կանանց հաշվին ես ապրում, ոմանք էլ թե՝ իմպոտենտ ես։

― Ոչ, ― ասացի ես։ ― Դա պարզապես դժբախտ պատահար է։

― Երբեք այդ մասին չխոսես, ― ասաց Բիլլը։ ― Այդպիսի բաների մասին ավելի լավ է չխոսել։ Դա պետք է թաքցնել որպես գաղտնիք, ինչպես Հենրի Ֆորդի առաջին հեծանիվը։

Մինչ այդ նա խոսում էր վրա տալով, սակայն հիմա հանկարծ լռեց։ Կարծում եմ, որ նա հանկարծ մտածեց, որ ցավ է պատճառել ինձ ինպոտենտությունս հիշեցնելով։ Ուզում էի, որ նա շարունակի խոսել։

― Ոչ մի հեծանիվ չի եղել, ― ասացի։ ― Նա ձի էր քշում։

― Ես լսել եմ, որ եռանիվ հեծանիվ է եղել։

― Ինչ կա որ, ― ասացի։ ― Ինքնաթիռն էլ եռանիվ հածանիվի պես մի բան է։ Ղեկը նույն ձևով են վարում։

― Միայն թե ոտնակ սեղմելու հարկ չկա։

― Այո, ― ասացի։ ― Ոտնակ թերևս պետք չէ սեղմել։

― Լավ, վերջ տանք, ― ասաց Բիլլը։

― Ինչպես կուզես։ Ես լոկ եռանիվ հեծանիվն էի պաշտպանում։

― Եվ լավ էլ գրում էր Հենրին, ― ասաց Բիլլը։ ― Ու դու ինքդ էլ շատ լավն ես։ Քեզ, իհարկե, ասել են, որ դու լավն ես։

― Ես բնավ լավը չեմ։

― Լսիր։ Դու շատ լավն ես, և ես աշխարհում ոչ մեկին չեմ սիրում քեզանից ավելի։ Նյու֊Յորքում ես դա չէի կարող ասել քեզ։ Այնտեղ կմտածեն, թե ես հոմոսեքսուալիստ եմ։ Այդ պատճառով քաղաքացիական պատերազմ է սկսվել։ Աբրահամ Լինքոլնը հոմոսեքսուալիստ էր։ Նա սիրահարված էր գեներալ Գրանտին։ Գրանտին էր սիրահարված նաև Ջեֆերսոն Դևիսը։ Լինքոլնը ստրուկներին ազատ արձակեց պարզապես գրազի համար։ Դրեդ Ստոքի դեմ դատական գործը սարքված էր ոգելից խմիչքներն արգելող լիգայի կողմից։ Եվ այդ բոլորը կապված են սեռական հարցերի հետ։ Գնդապետի լեդին և Ջուդի Օ' Գրենդին երկուսն էլ լեսբիանուհիներ են հոգեպես։

Նա լռեց։

― Ուզո՞ւմ ես էլի ասեմ։

― Ասա, ― ասացի։

― Էլ ոչինչ չգիտեմ։ Մնացածն էլ ճաշի ժամանակ կասեմ։

― Ծերուկ Բիլլ, ― ասացի ես։

― Դատարկապորտի մեկը։

Նախաճաշն ու երկու շիշ գինին դրեցինք ուսապայուսակի մեջ, և Բիլլն այն գցեց ուսին։ Ես էլ ուսիս գցեցի պարկի մեջ դրված կարթերն ու կոթավոր որսացանցը։ Քայլեցինք ճամփով, հետո կտրեցինք անցանք դաշտն ու մարգագետինների միջով մի արահետ գտանք, որ տանում էր դեպի մոտակա լեռան անտառածածկ լանջը։ Քայլեցինք այդ ավազոտ արահետով։ Մարգագետինները ծածկված էին խիտ աճած խոտով, սակայն խոտը բարձր չէր, որովհետև այդտեղ ոչխարներ էին արածում։ Կովերն արածում էին ավելի վերև, լեռներում։ Անտառից լսվում էր նրանց վզերին կապած զանգակների ձայնը։

Արահետը տարավ մեզ դեպի գետի վրա գցված գերանը։ Գերանը տաշած էր և ցած ճկած մի մատղաշ ծառ բազիրքի դեր էր կատարում։ Գետակի մոտ, ծանծաղ փոքրիկ լճակի ավազոտ հատակին սևին էին տալիս շերեփուկները։ Բարձրացանք զառիվեր ափն ու նորից քայլեցինք ալիք֊ալիք տվող մարգագետիններով։ Ետ նայելով, տեսանք Բուրգետեի սպիտակ տներն ու կարմիր տանիքները, տեսանք սպիտակ ճանապարհը, որի վրայով բեռնատար մեքենա էր գնում՝ օդի ամպ բարձրացնելով։

Մարգագետինները վերջացան, և մենք հայտնվեցինք մյուս, ավելի արագահոս գետակի ափին։ Ավազոտ ճանապարհը իջնում էր դեպի անցահունը և հետո նորից բարձրանում դեպի անտառ։ Արահետը մեզ հասցրեց մինչև նոր գերան, որ գցված էր գետի վրա անցահունից ցած, իսկ հետո արդեն այն միացավ ճանապարհին, և մենք մտանք անտառ։

Դա հաճարենու անտառ էր, շատ հին անտառ։ Ծառերի արմատները գետնի երես էին դուրս եկել, ճյուղերը ծուռումուռ էին ու կոշտոտ։ Քայլում էինք հին հաճարենիների հաստ բների մեջ ընկած ճամփով ու տերևների արանքից թափանցող լույսը բիծ֊բիծ ընկնում էր խոտի վրա։ Չնայած բարձր ծառերին և խիտ տերևներին, անտառը մութ չէր։ Անտառամերձ թփուտներ չկային միայն փափուկ, կանաչ ու թարմ խոտ էր ու մեկ էլ բարձր, մոխրագույն ծառեր, որ աճել էին համաչափ, բոլորից հեռու, ասես զբոսայգում։

― Ա՜յ սա բնություն է, ― ասաց Բիլլը։

Ճանապարհը բլրալանջով դեպի վեր էր տանում, մենք մտանք թավ անտառ, իսկ ճանապարհը շարունակվում էր նորից ու նորից դեպի վեր։ Երբեմն այն կտրուկ ցած էր իջնում, ապա նորից սկսում էր բարձրանալ։ Շարունակ լսում էինք նախիրի զանգերի ձայները։ Վերջապես հասանք սարի գագաթը։ Կանգնած էինք անտառածածկ սարերից ամենաբարձրի կատարին, այն սարերի, որ տեսնում էինք Բուրգետեից։ Ծառերի արանքում ընկած բացատների արևոտ կողմում վայրի ելակ էր աճում։

Հետո ճանապարհը դուրս եկավ անտառից և շարունակվում էր գագաթի շուրջ։ Առջևում այլևս անտառապատ սարեր չկային, սկսվում էին որոճի դեղին դաշտեր։ Հեռվում երևացող մթին ծառերով ծածկված զառիթափ ափն ու գորշ գլաքարերը ցույց էին տալիս Իրատի գետի հունը։

― Մենք պետք է այս ճանապարհով անցնենք սարի կատարի երկայնքով, կտրենք այս սարերը, անտառի միջով անցնենք հեռվում գտնվող այն սարերն ու հետո իջնենք Իրատիի հովիտը, ― ցույց տվեցի ես Բիլլին։

― Ա՜յ թե զբոսանք է։

― Դա շատ հեռու է, որպեսզի մարդ կարողանա հանգիստ տեղ հասնել, ձուկ որսալ և նույն օրն էլ վերադառնալ։

― Ո՛նց չէ, հանգիստ։ Շատ մեղմ է ասված։ Մենք ստիպված պետք է լինենք վազելով այնտեղ հասնել և վազելով էլ վերադառնալ, որպեսզի կարողանանք մի քիչ ձուկ բռնել։

Երկար ճանապարհ էր, բնությունը գեղեցիկ, բայց մենք շատ էինք հոգնել, երբ վերջապես իջանք զառիվար ճանապարհով, որը անտառածածկ սարերից տանում էր մեզ դեպի Ռիո֊դե֊լա Ֆաբրիկա հովիտը։

Ճանապարհը անտառի ստվերից դուրս եկավ շոգ արևի տակ։ Առջևում գետահովիտն էր։ Գետից այն կողմ զառիվեր մի սարալանջ էր բարձրանում, որի վրա աճում էր հնդկացորեն, մի քանի ծառեր կային, իսկ ծառերի տակ տեսանք սպիտակ մի տնակ։ Շատ շոգ էր, կանգնեցինք սարերի ստվերում, գետը կիսող ամբարտակի մոտ։

Բիլլը պարկը հենեց մի ծառի, մենք հանեցինք կարթաձողերը, ամրացրինք կարթաթելերը, կապեցինք կարթը և պատրաստվեցինք ձուկ բռնելու։

― Դու համոզվա՞ծ ես, որ այս լճափոսում իշխան կա։

― Լեփ֊լեցուն է։

― Ես ճանճով եմ բռնելու։ Դու Մաքգինթիի ճանճերից ունե՞ս։

― Ահա այստեղ կան։

― Իսկ դու որդո՞վ ես բռնելու։

― Այո։ Ես կլինեմ այստեղ, ամբարտակի մոտ։

― Այն դեպքում ես ճանճերը կվերցնեմ հետս։ ― Նա մի ճանճ ամրացրեց կարթին։ ― Ո՞ւր գնամ, որ ավելի լավ լինի, վերև՞, թե ներքև։

― Ավելի լավ է ներքև։ Թեև վերևում էլ շատ կան։

Բիլլը ափի երկայնությամբ ցած քայլեց։

― Որդերի տուփն էլ վերցրու։

― Ոչ։ Չեմ ուզում։ Եթե ճանճով չբռնվեն, հենց այնպես մի քիչ կարթս կքաշքշեմ ու կգամ։

Բիլլը ափին կանգնած նայում էր գետին։

― Լսիր, ― ձայն տվեց նա ամբարտակի աղմուկի միջից։ ― Մեր գինին չդնե՞նք ճամփի վրայի առվի մեջ։

― Ճիշտ է, ― բղավեցի ես։

Բիլլն ինձ ձեռքով արեց և իջավ գետի հոսանքն ի վար։ Հանեցի պայուսակից երկու շիշն էլ ու տարա ճանապարհի մոտ, որտեղ երկաթյա խողովակից աղբյուր էր հոսում։ Խողովակից քիչ ցած տախտակ էր դրված, ես այն բարձրացրի և, շշերի խցաններն ավելի ամրացնելով, շշերը դրեցի այդ տախտակի տակ։ Ջուրն այնքան սառն էր, որ մատներս ու դաստակս անմիջապես անզգայացան։ Տախտակը նորից դրեցի տեղն ու գնացի, հուսալով, որ ոչ ոք չի գտնի գինին։

Վերցրի ծառին հենած իմ կարթը, որդերով տուփը, կոթավոր ուռկանն ու քայլեցի դեպի ամբարտակը։ Այն սարքել էին, որպեսզի գետը պիտանի դարձնեն փայտ լուղարկելու համար։ Ջրարգելակը բարձրացված էր, և ես տաշած գերաններից մեկի վրա նստած նայում էի, թե ինչպես պատվարի առջև խաղաղ գետը կատաղի գահավիժում էր դեպի ջրահոսանքը։ Ամբարտակի տակ, այնտեղ, ուր ջուրը փրփրում էր, շատ խոր տեղ էր։ Մինչ ես ամրացնում էի խայծը, սպիտակ փրփուրից դեպի ջրահոսանքը դուրս թռավ մի իշխան ու ջուրն այն ցած քշեց։ Դեռ չէի հասցրել խայծն ամրացնել, երբ նորից մի իշխան, նույնպիսի գեղեցիկ աղեղ գծելով, անհայտացավ գահավիժող ջրի որոտալից հեղեղի մեջ։ Ես մի մեծ սուզագնդիկ ամրացրի և կարթաթելը նետեցի հենց ամբարտակի մոտ, փրփրալից ջրի մեջ։

Չէի զգացել, թե ինչպես էր առաջին իշխանն ընկել։ Երբ սկսեցի դուրս քաշել կարթաթելը, նոր միայն զգացի, որ ձուկը խփում է ու ջրէջքի մոտ հանեցի այն փրփրացող ջրից։ Ձուկը թպրտում էր այնքան ուժով, որ կարթը ծռում էր, գրեթե երկտակ անելով, և ես այն հեռացրի ջրից, անցկացրեցի ամբարտակի վրայով ու հանեցի։ Բավական խոշոր իշխան էր, ձկան գլուխը խփեցի գետնին, և երբ այն թպրտաց ու անշարժացավ, գցեցի պարկիս մեջ։

Մինչ հանում էի որսս, մի քանի իշխան էլ ընկան ջրասահանքը։ Հենց խայծն ամրացրի ու կարթս գցեցի, մի իշխան էլ անմիջապես բռնվեց, ու դա էլ հանեցի, ինչպես առաջինը։ Շատ կարճ ժամանակում բռնեցի վեց ձուկ։ Բոլորն էլ գրեթե միևնույն մեծության։ Շարեցի կողք֊կողքի, գլուխներն իրար կողք ու նայում էի որսիս։ Ձկները գեղեցիկ գույների էին, պիրկ և ամուր սառը ջրից։ Շոգ էր, դրա համար էլ փորները պատռեցի և հանեցի փորոտիքն ու խռիկները, այդ բոլորը նետեցի մյուս ափ։ Ապա ձկները տարա ջրի մոտ, լավ լվացի ամբարտակի մոտի սառը ջրով, ձարխոտ պոկեցի ու իշխանները դրեցի պարկս․ մի շերտ ձարխոտ, հետո վրան երեք ձուկ, նորից մի շերտ ձարխոտ և վրան երեք ձուկ, ապա վրայից նորից ծածկեցի ձարխոտով։ Այդպես խոտով ծածկված իշխանները շատ գեղեցիկ էին։ Վերցրի տռզած պարկս ու դրեցի ծառերի ստվերում։

Ամբարտակի մոտ շատ շոգ էր, ուստի որդերով տուփը դրեցի ստվերում, պարկի մոտ, հանեցի գիրքս ու նստեցի ծառի տակ, սպասելով, մինչև Բիլլը գա, որ նախաճաշենք։

Արդեն կեսօրից քիչ անց էր, և ստվերը քիչ էր, բայց ես նստել էի իրար միացած երկու ծառերի բնի մոտ ու կարդում էի։ Կարդում էի Ա․ Է․ Մեզոնի գործերից մեկը, մի հրաշալի պատմվածք այն մասին, թե ինչպես մի մարդ սառել էր Ալպերում, ընկել էր սառցադաշտ ու անհետացել, և ինչպես նրա հարսնացուն վճռել էր սպասել ուղիղ քսանչորս տարի, մինչև որ նրա մարմինը երևա քարակարկառների մեջ, և ինչպես սպասում էր նաև աղջկա սիրածը, ու նրանք բոլորը այդպես դեռ սպասում էին, երբ եկավ Բիլլը։

― Հը՞, քանի՞ ձուկ ես բռնել, ― հարցրեց։

Նա կարթաձողը, կոթավոր ուռկանն ու իշխանով պարկը բռնել էր մի ձեռքին և քրտինքի մեջ կորած էր։ Ամբարտակի աղմուկից չէի լսել նրա մոտենալը։

― Վեց հատ։ Իսկ դո՞ւ։

Բիլլը նստեց, բացեց պարկը ու մի մեծ իշխան դրեց խոտին։ Նա հենեց ևս երեք հատ՝ մեկը մեկից մեծ, ու շարեց իրար կողքի, ծառի ստվերում։ Նրա դեմքը քրտնած էր, բայց շատ երջանիկ արտահայտություն ուներ։

― Իսկ քո՞ ձկներն ինչպիսին են։

― Ավելի մանր։

― Դե ցույց տուր։

― Արդեն դրել եմ պարկի մեջ։

― Բայց, համենայն դեպս, ասա ինչպիսի՞ն են։

― Բոլորն էլ քո ամենափոքր ձկան չափ են։

― Չե՞ս փչում։

― Ոչ, շատ կուզեի, որ այդպես լիներ։

― Ու բոլորը որդո՞վ էիր բռնում։

― Այո։

― Ծույլի մեկը։

Բիլլը ձկները դրեց պարկը ու քայլեց դեպի գետը, բաց պարկը թափահարելով։ Նրա շալվարը մինչև գոտկատեղ թաց էր, որ կնշանակի, թե ջրի մեջ կանգնած է ձուկ բռնել։ Ես բարձրացա դեպի ճանապարհն ու հանեցի մեր գինին։ Շշերը շատ սառն էին։ Մինչ վերադառնում էի մեր տեղը՝ ծառերի տակ, շշերը ծածկվեցին խոնավության կաթիլներով։ Նախաճաշը դարսեցի թերթերի վրա, բացեցի շիշը, իսկ մյուսը հենեցի ծառին։ Բիլլը մոտեցավ՝ ձեռները սրբելով, պարկը ձարխոտով լցրած։

― Եկ մի փորձենք, տեսնենք սա ինչ գինի է, ― ասաց նա։ Հանեց խցանը, շիշը բարձրացրեց ու մի կում արեց։ ― Օհո։ Մարդու աչք է մռմռացնում։

― Տուր փորձեմ։

Գինին սառցի նման սառն էր, քիչ դառնավուն։

― Այնքան էլ վատը չէ, ― ասաց Բիլլը։

― Սառն է, դրա համար է խմվում, ― ասացի։

Բացեցինք ուտելիքի փաթեթները։

― Ճուտ է։

― Ահա և պինդ եփած ձվեր։

― Աղ կա՞։

― Նախ ձուն ուտենք, ― ասաց Բիլլը, ― հետո հավը։ Դա նույնիսկ Բրայանն էր հասկանում։

― Նա մահացել է։ Երեկ կարդացի թերթում։

― Վա՛հ, իսկապե՞ս։

― Այո։ Բրայանը մահացել է։

Բիլլը մի կողմ դրեց կիսով չափ կճպած ձուն․

― Պարոնայք, ― ասաց նա՝ բացելով թերթի մի ծայրը ու կտրելով հավի բուդը։ ― Ես խախտում եմ կարգը։ Հանուն Բրայանի։ Ի պատիվ Մեծ Քաղաքացու։ Նախ հավը կուտեմ, հետո ձուն։

― Հետաքրքիր է, աստված ո՞ր օրն է ստեղծել հավը։

― Օհ, ― ասաց Բիլլը՝ հավի բուդը վայելելով, ― ի՞նչ իմանանք։ Հարցեր պետք չեն։ Մեր կյանքն այնքան էլ երկար չէ այս աշխարհում։ Արդ վայելենք այն, հավատանք և երախտապարտ լինենք։

― Ձու կեր։

Բիլլը հավի բուդը մի ձեռքին, գինու շիշը մյուս ձեռքում բռնած ոգևորված շարժումներ էր անում։

― Վայելենք այս օրհնյալ պարգևները։ Վայելենք երկնային հավքերին։ Վայելենք խաղողի վազերի պտուղները։ Եղբայր իմ, կուզե՞ս մի քիչ վայելել։

― Քեզնից հետո միայն, եղբայր իմ։

Բիլլը մի մեծ կում արեց։

― Վայելիր, եղբայր իմ։ ― Նա շիշը մեկնեց ինձ։ ― Եվ դեն նետենք կասկածները։ Եվ պետք չէ մեր կապկանման ձեռներով փորփրել հավաբնի սուրբ գաղտնիքները։ Արի այդ հրաշքն ընդունենք ու հավատանք ու բացականչենք ի սրտե, ― խնդրում եմ, եղբայր իմ, ձայնդ միացրու իմ ձայնին, ― ի՞նչ ենք մենք բացականչելու, եղբայր իմ, ― նա հավի բուդով բոթեց ինձ և շարունակեց․ ― Ես քեզ կասեմ։ Մենք կբացականչենք․ անձամբ ես հպարտանում եմ դրանով և ուզում եմ, որ դու էլ, եղբայր իմ, ծնկի գալով ինձ հետ միասին բացականչես։ Եվ ոչ ոք թող չամաչի ծնկի գալ այս մեծ բնության մեջ։ Հիշիր, որ անտառներն են եղել աստծո առաջին տաճարները։ Արդ, ծնկի գանք և բացականչենք․ չուտեք այս հավը տիկին, քանզի այն է Մենկեն։

― Վերցրու, ― ասացի ես, ― մի քիչ սրանից վայելիր։

Բացեցինք գինու մյուս շիշը։

― Ի՞նչ է, ― հարցրի ես։ ― Դու Բրայանին չեի՞ր սիրում։

― Սիրում էի նրան, ― ասաց Բիլլը։ ― Մենք հարազատ եղբայրների նման էինք։

― Որտե՞ղ էիր նրա հետ ծանոթացել։

― Նա, Մենկենը և ես սովորել ենք Սուրբ Խաչի դպրոցում։

― Ինչպես և բռնցքամարտիկ Ֆրենկի Ֆրիչը, ― ասացի ես։

― Ճիշտ չէ։ Ֆրենկի Ֆրիչը սովորել է Ֆուրդհեմի համալսարանում։

― Լավ, ― ասացի։ ― Ես էլ սովորել եմ Լոյոլայի դպրոցում եպիսկոպոս Մեննինգի հետ։

― Ճիշտ չէ, ― ասաց Բիլլը։ ― Ես եմ սովորել Լոյոլայի դպրոցում եպիսկոպոս Մեննինգի հետ։

― Դու հարբած ես, ― ասացի ես։

― Գինո՞ւց։

― Իսկ ինչու՝ ոչ։

― Դա խոնավությունից է, ― ասաց Բիլլը։ ― Պետք է ազատվել այս անիծյալ խոնավությունից։

― Մի հատ էլ խմե՞նք։

― Մեր ունեցածը հենց ս՞ա է։

― Այո, երկու շիշ։

― Գիտես դու ո՞վ ես, ― Բիլլը քնքշանքով նայում էր շշին։

― Ոչ, ― ասացի։

― Դու չխմողների լիգայի գործակալն ես։

― Ես Աստվածամոր դպրոցում սովորել եմ Ուեն Բ․ Ուիլերի, Լիգայի պարագլխի հետ։

― Ճիշտ չէ, ― ասաց Բիլլը։ ― Ես եմ Օստինի Առևտրական ուսումնարանում սովորել Ուեն Բ․ Ուիլերի հետ։ Նա մեր ավագն էր։

― Լավ, ― ասացի, ― կորչեն պանդոկները։

― Իրավացի ես, թանկագին իմ համադասարանցի, ― ասաց Բիլլը։ ― Կորչեն պանդոկները, ու թող ես էլ կործանվեմ նրանց հետ։

― Դու հարբած ես։

― Գինո՞ւց։

― Այո, գինուց։

― Կարող է պատահել։

― Կուզե՞ս մի քիչ քնենք։

― Ուզում եմ։

Պառկեցինք գլուխներս ստվերի տակ ու ծառերի ճյուղերի միջով վեր էինք նայում։

― Քնա՞ծ ես։

― Ոչ, ― ասաց Բիլլը։ ― Մտածում էի։

Ես աչքերս փակեցի։ Հաճելի էր գետնին պառկել։

― Լսիր, ― ասաց Բիլլը։ ― Քո և Բրեթի մեջ ի՞նչ կա։

― Իսկ ի՞նչ պիտի լինի։

― Դու երբևէ նրան սիրահարված եղե՞լ ես։

― Եղել եմ։

― Եվ դա երկա՞ր է տևել։

― Ընդհատումներ եղել են, բայց ընդհանրապես շատ երկար։

― Գրողը տանի, ― ասա Բիլլը, ― ներիր, սիրելիս։

― Ոչինչ, ― ասացի։ ― Հիմա արդեն ինձ համար միևնույն է։

― Իսկապե՞ս։

― Այո։ Միայն թե կգերադասեի չխոսել այդ մասին։

― Չե՞ս զայրանում, որ հարցրի այդ մասին։

― Ինչո՞ւ պետք է զայրանամ։

― Ես քնում եմ, ― ասաց Բիլլը։ Նա դեմքը ծածկեց թերթով։ ― Լսիր, Ջեյք, ― ասաց նա, ― դու իսկապե՞ս կաթոլիկ ես։

― Ըստ ձևի։

― Իսկ դա ի՞նչ է նշանակում։

― Չգիտեմ։

― Լավ, ես քնում եմ, ― ասաց նա։ ― Շատ չխոսես, թե չէ ինձ կարթնացնես։

Ես նույնպես քնեցի։ Երբ արթնացա, Բիլլը դասավորում էր պայուսակը։ Կեսօրից արդեն բավական անցել էր, և ծառերի ստվերները երկարել էին ու ընկել ամբարտակի վրա։ Գետնին քնելուց հետո չէի կարողանում տեղիցս բարձրանալ։

― Ի՞նչ պատահեց։ Արթնացե՞լ ես, ― ասաց Բիլլը։ ― Ինչո՞ւ չքնեցիր, միանգամից գիշերվա քունն էլ առնեիր։

Ես ճմլկոտացի ու աչքերս տրորեցի։

― Մի հիանալի երազ տեսա, ― ասաց Բիլլը։ ― Ոչինչ չեմ հիշում, բայց հիանալի երազ էր։

― Ես կարծես ոչ մի երազ չտեսա։

― Իսկ պետք է տեսնեիր, ― ասաց Բիլլը։ ― Մեր բոլոր խոշոր բիզնեսմենները երազատեսներ և երազողներ են եղել։ Վերցնենք հենց Ֆորդին, պրեզիդենտ Քուլիջին։ Հիշիր Ռոքֆելլերին, Ջո Դևիդսոնին։

Ես քանդեցի իմ և Բիլլի կարթերը ու դրեցի պարկի մեջ։ Կարթաթելերը դրեցի մեր հանդերձանքի պարկի մեջ։ Բիլլն արդեն դասավորել էր ուսապայուսակը, և մեջը դրեցինք նաև ձկան պարկերից մեկը, իսկ մյուսը ես վերցրի։

― Դեհ, ― ասաց Բիլլը, ― կարծես ամեն ինչ վերցրինք։

― Հապա որդե՞րը։

― Դու էլ քո որդերով։ Դիր այստեղ։

Նա արդեն ուսին էր գցել պայուսակը, ուստի որդերի տուփերը դրեցի պայուսակի դրսի գրպաններից մեկի մեջ։

― Հիմա էլ բան չմնա՞ց։

Նայեցի շուրջս, տեսնելու հո որևէ բան չի՞ մնացել։

― Ոչ։

Քայլեցինք անտառ տանող ճանապարհով։ Բուրգետեն դեռ հեռու էր, և երբ մարգագետիննրով իջանք ու ճանապարհի երկու կողմերում լուսավորված տների միջով քայլեցինք մինչև հյուրանոց, արդեն մութն ընկել էր։

Բուրգետեում մնացինք հինգ օր և մի լավ զբաղվեցինք ձուկ բռնելով։ Գիշերները ցուրտ էին, ցերեկները՝ շոգ, բայց միշտ մի թեթև զով էր փչում նույնիսկ օրվա ամենաշոգ ժամերին։ Այդ շոգին շատ հաճելի էր մտնել գետակի սառը ջրի մեջ, իսկ հետո նստել ափին ու չորանալ արևի տակ։ Մենք մի գետակ գտանք, որի գետախորշն այնքան խորն էր, որ այնտեղ կարելի էր լող տալ։ Երեկոները բրիջ էինք խաղում երեքով՝ Հարրիս ազգանունով մի անգլիացու հետ, որը նույնպես ձկնորսության սիրահար էր և Սեն֊Ժան֊Պյո֊դե֊Պորից ոտքով եկել էր այստեղ ու ապրում էր մեր հյուրանոցում։ Նա շատ հաճելի մարդ էր և երկու անգամ եկել էր մեզ հետ Իրատի գետ։ Ո՛չ Ռոբերտ Կոնից, ո՛չ Բրեթից, ո՛չ էլ Մայքլից լուր չկար։


Գլուխ տասներեքերորդ

Երբ այդ օրն առավոտյան իջա ցած նախաճաշի, տեսա մեր անգլիացին՝ Հարրիսը, նստած է արդեն սեղանի մոտ ու ակնոցն աչքերին թերթ էր կարդում։ Նա նայեց, ինձ ու ժպտաց։

― Բարի լույս, ― ասաց։ ― Նամակ ունեք։ Ես փոստ էի գնացել և իմ նամակների հետ ձերն էլ ինձ տվեցին։

Նամակը դրված էր իմ սպասքի մոտ, սուրճի գավաթին հենած։ Հարրիսը շարունակեց իր թերթը կարդալ։ Բացեցի նամակը։ Նամակը ուղարկել էին մեզ Փամփլոնայից, վրան գրված էր՝ Սան֊Սեբաստիան, կիրակի․

«Սիրելի Ջեյք։

Մենք այստեղ հասանք ուրբաթ օրը։ Բրեթը գնացքում շատ էր հոգնել, և ես երեք օրով նրան բերեցի մեր հին ծանոթների մոտ, որ հանգստանա։ Գնում ենք Փամփլոնա, Մոնտրոյի հյուրանոց։ Կգանք երեքշաբթի, սակայն որ ժամին չգիտեմ։ Եթե դժվար չէ, մի երկտող ուղարկեք ավտոբուսով, որպեսզի իմանանք, թե ձեզ որտեղ գտնենք չորեքշաբթի։ Ընդունեք ջերմագին բարևներս և ներեցեք, որ ուշացանք, սակայն Բրեթը իսկապես շատ հոգնած էր, բայց մինչև երեքշաբթի կառողջանա, այսինքն նա հիմա էլ գրեթե առողջ է։ Ես նրան շատ լավ գիտեմ և փորձում եմ խնամել նրան, սակայն դա այնքան էլ հեշտ բան չէ։ Բարևներ բոլորին։

Մայքլ։»

― Այսօր ի՞նչ օր է, ― հարցրի Հարրիսին։

― Կարծեմ չորեքշաբթի։ Այո, չորեքշաբթի։ Զարմանալի բան է, թե ինչպես այս սարերում կորցնում ես օրերի հաշիվը։

― Այո, արդեն մի շաբաթ է այստեղ ենք։

― Հուսով եմ, դեռ մտադիր չե՞ք մեկնելու։

― Ցավոք, մտադիր ենք։ Թերևս ստիպված լինենք մեկնելու հենց այսօր, ցերեկվա գնացքով։

― Ափսոս։ Հույս ունեի, որ դեռ մի անգամ էլ կգնանք Իրատի։

― Մենք պետք է մեկնենք Փամփլոնա։ Մեր ընկերների հետ պայմանավորվել ենք հանդիպել այնտեղ։

― Իմ բախտը չբերեց։ Այնքա՜ն լավ ժամանակ էինք անցկացնում միասին Բուրգետեում։

― Եկեք մեզ հետ Փամփլոնա։ Բրիջ կխաղանք, հետո այնտեղ հիանալի ֆիեստա է լինելու։

― Հաճույքով կգայի։ Զգացված եմ ձեր հրավերի համար։ Բայց ես ավելի լավ է այստեղ մնամ։ Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել ձուկ բռնելու համար։

― Ուզում եք Իրատիի ամենախոշոր իշխաննե՞րը բռնել։

― Այո։ Դուք հո գիտեք, այստեղ երբեմն շատ խոշոր իշխաններ են պատահում։

― Ինքս էլ ևս մի անգամ կգայի ձուկ բռնելու։

― Դե մնացեք, մի օր էլ մնացեք, խնդրում եմ ձեզ։

― Մենք իսկապես պետք է անպայման քաղաք գնանք, ― ասացի։

― Ափսոս։

Նախաճաշից հետո ես ու Բիլլը հյուրանոցի առջև նստարանին նստած տաքանում էինք արևի տակ ու որոշում մեր անելիքը։ Քաղաքի կենտրոնից դեպի հյուրանոց բերող ճանապարհին տեսա մի աղջիկ, որ գալիս էր դեպի մեզ։ Նա մոտեցավ, կողքին կախված պայուսակից հանեց մի հեռագիր։

― Por ustedes?[15]

Նայեցի հեռագրին։ Հասցեն էր․․․ «Բարնս, Բուրգետե»։

― Այո, մերն է։

Նա հանեց գիրքը, ստորագրեցի ու տվեցի նրան մի քանի մետաղադրամ։ Հեռագիրը իսպաներեն էր․․․ «Vengo jueves Cohn»։

Հեռագիրը մեկնեցի Բիլլին։

― Ի՞նչ է նշանակում «Cohn», ― հարցրեց նա։

― Հիմար հեռագիր է, ― ասացի։ ― Նա կարող էր նույն գնով տասը բառ ուղարկել «Կգամ հինգշաբթի»։ Այնքան էլ հասկանալի չէ։

― Ինչ որ պետք է Կոնին, այստեղ ասված է։

― Միևնույն է, մենք մեկնում ենք, ― ասացի ես։ ― Ոչ մի իմաստ չկա մինչև ֆիեստան Բրեթին և Մայքլին գալ այստեղ և ետ դառնալ։ Ինչ ես կարծում, պատասխանե՞նք նրան։

― Ինչո՞ւ չպատասխանենք, ― ասաց Բիլլը։ ― Պետք է պահպանել քաղաքավարություն։

Գնացինք փոստ և հեռագրի բլանկ վերցրինք։

― Ի՞նչ ենք գրելու, ― հարցրեց Բիլլը։

― «Կգանք երեկոյան»։ Ուրիշ ոչինչ։

Վճարեցինք հեռագրի համար և վերադարձանք հյուրանոց։ Հարրիսը մեզ էր սպասում, և երեքով գնացինք Ռոնսեվալ։ Նայեցինք վանքը։

― Սա հրաշալի է, ― ասաց Հարրիսը, երբ դուրս եկանք վանքից։ ― Բայց գիտե՞ք ինչ, ես այնքան էլ չեմ հետաքրքրվում նման բաներով։

― Ես նույնպես, ― ասաց Բիլլը։

― Թերևս, այնուամենայնիվ, շատ հետաքրքրիր է, ― ասաց Հարրիսը։ ― Ամեն օր պատրաստվում էի գալ և այդպես էլ չէի տեսնի, եթե այսօր չգայի։

― Սակայն միևնույն է սա ձուկ բռնելու հետ չես համեմատի, չէ՞, ― հարցրեց Բիլլը։ Հարրիսը նրան դուր էր գալիս։

― Դե, իհարկե։

Կանգնած էինք վանքի հին մատուռի առաջ։

― Ի՞նչ եք կարծում, ճանապարհի այն կողմում երևացողը պանդոկ չէ՞, ― հարցրեց Հարրիսը։ ― Թե տեսողությունս դավաճանում է ինձ։

― Նման է պանդոկի, ― ասաց Բիլլը։

― Ինձ էլ է թվում, որ պանդոկ է, ― ասացի ես։

― Էհ, ուրեմն, ― ասաց Հարրիսը, ― եկեք օգտվենք դրանից։ ― «Օգտվել» բառը նա փոխ էր առել Բիլլից։

Ամենքս մի֊մի շիշ գինի պատվիրեցինք։ Հարրիսը մեզ թույլ չտվեց վճարել։ Նա իսպաներեն շատ լավ էր խոսում, և հյուրանոցատերը փող չվերցրեց ոչ ինձնից, ոչ էլ Բիլլից։

― Բարեկամներս, դուք չեք պատկերացնում, թե ինձ համար որքան հաճելի էր ձեզ հետ։

― Մենք հիանալի ժամանակ անցկացրինք, Հարրիս։

Հարրիսը մի քիչ հարբած էր։

― Իսկապես, դուք չգիտեք, թե ինձ համար ինչքան լավ էր ձեզ հետ։ Պատերազմի ժամանակից սկսած, ես դեռ այդքան ուրախություն չէի ունեցել։

― Մեզ դեռ կվիճակվի երբևէ միասին ձուկ բռնել։ Հիշեք խոսքերս, Հարրիս։

― Իհարկե։ Մենք չափազանց ուրախ ժամանակ անցկացրինք։

― Մի շիշ էլ խմե՞նք։

― Հիանալի միտք է, ― ասաց Հարրիսը։

― Այս անգամ ես եմ վճարում, ― ասաց Բիլլը։ ― Այլապես մենք չենք խմի։

― Խնդրում եմ, թույլ տվեք ես վճարեմ, ինձ համար մեծ հաճույք է։

― Դա ինձ համար էլ է հաճույք, ― ասաց Բիլլը։

Պանդոկապանը բերեց չորրորդ շիշը։ Մեր բաժակները դեռ սեղանին էին։ Հարրիսը բարձրացրեց իր բաժակը։

― Գիտեք, սրանից կարելի է լավ օգտվել։

Բիլլը թփթփացրեց նրա ուսին։

― Մեր լավ Հարրիս։

― Գիտեք ինչ, իմ անունը Հարրիս չէ, այլ Ուիլսոն֊Հարրիս։ Դա մի ազգանուն է գծիկով, հասկանո՞ւմ եք։

― Մեր սիրելի Ուիլսոն֊Հարրիս, ― ասաց Բիլլը։ ― Մենք ձեզ Հարրիս ենք ասում, որովհետև սիրում ենք ձեզ։

― Գիտեք ինչ, Բարնս, դուք էլ չեք կարող պատկերացնել, թե ինձ համար այս ամենը ինչ է նշանակում։

― Օգտվենք ևս մեկական բաժակ, ― ասացի ես։

― Բարնս, դուք իսկապես չեք կարող հասկանալ։ Ահա թե ինչ եմ ասում։

― Խմեք, Հարրիս։

Ռոնսեվալից վերադառնալիս Հարրիսը քայլում էր մեր երկուսի միջև։ Նախաճաշեցինք հյուրանոցում, և Հարրիսը մեզ ուղեկցեց մինչև ավտոբուս։ Նա տվեց մեզ իր այցետոմսը՝ Լոնդոնի իր տան հասցեով, գրասենյակի հասցեով և ակումբի հասցեով, որտեղ ինքը լինում է, և ավտոբուս նստելիս ամենքիս մի ծրար տվեց։ Ես բացեցի ծրարն ու տեսա մեջը տասից ավելի արհեստական ճանճեր։ Հարրիսն ինքն էր դրանք սարքել։ Նա միշտ ինքն է սարքում։

― Լսեք, Հարրիս․․․ ― սկսեցի ես։

― Ոչ։ Ոչ։ ― Ասաց նա։ Նա արդեն իջել էր ավտոբուսից։ ― Դրանք իսկի էլ ամենալավ ճանճերը չեն։ Պարզապես մտածեցի, որ երբ կարթին ամրացնելու լինեք, միգուցե կհիշեք, թե ինչքան լավ ժամանակ անցկացրինք։

Ավտոբուսը շարժվեց։ Հարրիսը փոստի մոտ կանգնած ձեռքով արեց մեզ։ Երբ արդեն դուրս եկանք ճանապարհ, նա շրջվեց և ետ գնաց դեպի հյուրանոց։

― Հարրիսը լավն է, չէ՞, ― ասաց Բիլլը։

― Կարծում եմ, նա իսկապես լավ ժամանակ անցկացրեց։

― Հարրի՞սը։ Իհարկե։

― Ափսոս, որ նա մեզ հետ Փամփլոնա չեկավ։

― Ուզում էր ձուկ բռնել։

― Այո։ Եվ դեռ հարց է, թե մեր անգլիացիներն իրար հետ ինչպես էին լեզու գտնելու։

― Կարծում եմ, որ չէին գտնի։

Փամփլոնա հասանք երեկոյան դեմ, ավտոբուսը կանգ առավ Մոնտոյայի հյուրանոցի մուտքի մոտ։ Հրապարակում էլեկտրական լարեր էին անցկացնում ֆիեստայի ժամանակ հրապարակը լուսավորելու համար։ Երբ ավտոբուսը կանգ առավ, մոտեցան մի քանի տղաներ, իսկ մաքսատան աստիճանավորը կարգադրեց բոլոր ավտոբուսից իջնողներին բացել իրենց պարկերը հենց այդտեղ, մայթի վրա։ Մտանք հյուրանոց, սանդուղքին մեզ դիմավորեց Մոնտոյան։ Մշտական շփոթված ժպիտը դեմքին նա սեղմեց մեր ձեռքերը։

― Ձեր ընկերներն այստեղ են, ― ասաց նա։

― Պարոն Քե՞մփբելլը։

― Այո, պարոն Կոնը, պարոն Քեմփբելլը և լեդի Էշլին։

Նա ժպտաց, կարծես էլի ինչ֊որ բան էր ասում։

― Նրանք ե՞րբ են եկել։

― Երեկ։ Ես ձեզ համար պահել եմ ձեր նախկին սենյակը։

― Հիանալի է։ Դուք պարոն Քեմփբելլին տվեցի՞ք հրապարակ նայող պատուհաններով սենյակ։

― Այո։ Այն սենյակները, որ ընտրել էինք միասին։

― Իսկ որտե՞ղ են հիմա մեր ընկերները։

― Կարծեմ գնացին պելոտա խաղը նայելու։

― Իսկ ցրելից ի՞նչ կա։

Մոնտայան ժպտաց։

― Այսօր երեկոյան, ― ասաց նա, ― ժամը յոթին կբերեն վիլյարյան ցլերին, իսկ վաղը՝ մյուրյան։ Դուք բոլո՞րդ պիտի գնաք նայելու։

― Անպայման։ Նրանք երբեք չեն տեսել, թե ցլերին ինչպես են իջեցնում։

Մոնտոյան ձեռքը դրեց ուսիս։

― Այնտեղ կհանդիպենք։

Նա նորից ժպտաց։ Նա միշտ այնպես էր ժպտում, ասես ցլամարտը մեր երկուսի անձնական գաղտնիքն էր․ մի քիչ ամոթալի, բայց շատ մեծ գաղտնիքը, որ գիտեինք միայն մենք երկուսս։ Նա միշտ ժպտում էր այնպես, ասես երկուսիս իմացած այդ գաղտնիքի մեջ ուրիշների համար ինչ֊որ անպատշաճ մի բան կար։ Հարկ չկար բացելու դա այնպիսի մարդկանց մոտ, որոնք ընդունակ չէին հասկանալու։

― Ձեր բարեկամը նույնպե՞ս aficionado է, ― հարցրեց Մոնտոյան և ժպտաց Բիլլին։

― Այո, նա Նյու֊Յորքից հատկապես եկել է այս տոնը դիտելու։

― Իսկապե՞ս, ― Մոնտոյան քաղաքավարի կերպով կասկած հայտնեց։ ― Բայց կարծում եմ նա ձեզ նման aficionado չէ։

Նա նորից շփոթված ձեռքը դրեց ուսիս։

― Ոչ, ― ասացի։ ― Նա իսկական aficionado է։

― Համենայն դեպս ոչ ձեզ նման։

Aficion նշանակում է կիրք։ Aficionado կոչվում է նա, ով մոլի կերպով հրապուրվում է ցլամարտով։ Բոլոր լավ ցլամարտիկները ապրել էին Մոնտոյայի հյուրանոցում, բոլոր նրանք, ովքեր aficion են ունեցել, ապրել են այնտեղ։ Այն ցլամարտիկները, ովքեր աշխատել են փողի համար, պատահել է մնացել են նրա մոտ, սակայն երկրորդ անգամ այլևս այնտեղ չեն գնացել։ Լավ ցլամարտիկները գալիս էին ամեն տարի։ Մոնտոյայի սենյակում կախված էին նրանց լուսանկարները իրենց ձեռքով մակագրված։ Դրանք նվիրված էին կամ Խուանիտո Մոնտոյային, կան նրա քրոջը։ Այն ցլամարտիկների նկարները, որոնց Մոնտոյան իսկապես հավանում էր, կախված էին շրջանակների մեջ։ Իսկ aficion ցլամարտիկների նկարները պահում էր սեղանի դարակում։ Այդ լուսանկարների վրա հաճախ շատ շոյող մակագրություններ կային։ Սակայն դա նրա համար նշանակություն չուներ։ Մի անգամ Մոնտոյան այդ ամենը հանեց դարակից և գցեց աղբի զամբյուղը։ Չէր ուզում իր մոտ պահել։

Ես և նա հաճախ էինք խոսում ցլերի և ցլամարտիկների մասին։ Արդեն մի քանի տարի ես միշտ կանգ էի առնում Մոնտոյայի հյուրանոցում։ Մենք երբեք շատ երկար չէինք խոսում։ Պարզապես հաճելի էր միմյանց կարծիքն իմանալ։ Հաճախ հեռուներից եկած մարդիկ, Փամփլոնայից մեկնելուց առաջ, մի քանի րոպեով մտնում էին Մոնտոյայի մոտ, որպեսզի խոսեն նրա հետ ցլերի մասին։ Նրանք բոլոր aficionado֊ներ էին։ Aficionado-ները միշտ կարող էին սենյակ ստանալ, եթե անգամ հյուրանոցը լեփ֊լեցուն էր։ Մոնտոյան ինձ ծանոթացրել էր նրանցից մի քանիսի հետ։ Սկզբում նրանք իրենց շատ զուսպ էին պահում, քաղաքավարության սահմաններում, սակայն նայում էին ինձ որպես ամերիկացու, փոքր֊ինչ ծաղրաբար և թերահավատ։ Չգիտես ինչու, նրանց թվում էր, որ ամերիկացին ընդունակ չէ իսկական կրքի։ Նա կարող է կեղծել կամ էլ սովորական հուզմունքը կիրք համարել, սակայն իսկական կիրք ամերիկացին չի կարող ունենալ։ Սակայն, երբ տեսնում էին, որ ես իսկապես ունեմ այդ կիրքը, իսկ դա ստուգելու որևէ նշանաբան կամ հարցեր չկային, պարզապես դա մի տեսակ բանավոր, հոգևոր քննության նման բան էր, սկզբում զգուշավոր արվող հարցերով, իսկ, հետո, երբ համոզվում էին, նույնպես շփոթված ձեռքերը դնում էին ուսիս կամ էլ ասում․ «Buen Hombre»:[16] Սակայն ավելի հաճախ փորձում էին ձեռքը դիպցնել ինձ, շոշափել, ասես համոզվելու համար, որ ես իսկապես aficion ունեմ։

Այն ցլամարտիկին, որ aficion ուներ, Մոնտոյան կարող էր ամեն ինչ ներել։ Նա ներում էր նյարդային նոպաները, վախկոտությունը, վատ, անբացատրելի արարքները, ամեն տեսակի մեղանչումները։ Ցլամարտի նկատմամբ իսկական կիրք ունեցողին նա ներում էր ամեն բան։ Այդպես նա ինձ ներեց իմ բոլոր ընկերների համար։ Նա այդ ոչնչով ցույց չէր տալիս, և մենք երկուսս էլ անհարմար էինք զգում խոսել այդ մասին, ինչպես անհարմար է, խոսելու բան չէ ցլամարտին ձիու մասնակցության մասին։

Հենց ներս մտանք, Բիլլն անմիջապես բարձրացավ վերև, և հիմա լվացվում ու շորերն էր փոխում իր սենյակում։

― Էհ, ― ասաց նա, ― իսպաներենից կարոտդ առա՞ր։

― Նա ասաց, որ ցլերին կբերեն այսօր երեկոյան։

― Արի գտնենք մերոնց ու գնանք նրանց մոտ։

― Լավ։ Հավանաբար նրանք սրճարանում կլինեն։

― Տոմսը վերցրե՞լ ես։

― Այո։ Բոլոր բեռնաթափումների համար։

― Իսկ դա նայելո՞ւ բան է։ ― Բիլլը հայելու առաջ դեմքի մաշկն էր ձգում, որպեսզի ստուգի, թե չսափրված մաս չի՞ մնացել։

― Շատ հետաքրքրիր է, ― ասացի ես։ ― Ցլերին վանդակներից մեկական բաց են թողնում կորրալ, իսկ եզները սպասում են նրանց ու չեն թողնում, որ իրար պոզահարեն, բայց ցլերը հարձակվում են եզների վրա և եզները վազվզում են նրանց շուրջ պառաված օրիորդների նման ու փորձում նրանց հանգստացնել։

― Իսկ ցլերը պոզահարո՞ւմ են եզներին։

― Պոզահարում են։ Երբեմն ցուլն ուղղակի հարձակվում է եզան վրա և սպանում։

― Եվ եզները ոչինչ չե՞ն կարող անել։

― Ոչ։ Նրանք փորձում են մտերմանալ ցլերի հետ։

― Այդ դեպքում եզներն այդտեղ ինչի՞ են պետք։

― Որպեսզի հանգստացնեն ցլերին, չթողնեն, որ նրանք իրենց եղջյուրները ջարդեն քարերին տալով կամ իրար պոզահարեն։

― Խոսք չկա, հիանալի բան է եզ լինելը։

Ցած իջանք, դուրս եկանք հյուրանոցից և հրապարակով քայլեցինք դեպի Իրունյա սրճարան։ Հրապարակում երկու փոքրիկ տնակներ էին դրել տոմսեր վաճառելու համար։ Պատուհանիկներին գրված էր «Sol, sol y sombra, sombra»,[17] սակայն պատուհանիկները փակ էին, կբացվեին միայն ֆիեստայի նախօրյակին։

Իրունյա սրճարանի սպիտակ հյուսկեն աթոռներն ու սեղանիկները դրված էին ոչ միայն կամարաշարի տակ, այլև ամբողջ մայթին։ Սեղաններին նայելով որոնում էի Բրեթին և Մայքլին։ Նրանք այնտեղ էին։ Բրեթը, Մայքլը և Ռոբերտ Կոնը։ Բրեթը բերետ էր դրել, այնպիսին, ինչպիսին դնում են բասկերը։ Մայքլը նույնպես։ Կոնը առանց գլխարկի էր, ակնոցով։ Բրեթը մեզ տեսավ և ձեռքով արեց։ Մինչ մոտենում էինք սեղանին, նա աչքերը կկոցած նայում էր մեզ։

― Հելլո, տղաներ, ― ձայն տվեց նա։

Բրեթը շատ ուրախ էր։ Մայքը մեր ձեռքը սեղմեց ջերմությամբ։ Ռոբերտ Կոնը բարևեց մեզ ձեռքով նրա համար միայն, որ նոր էինք եկել։

― Գրողը տանի, ո՞ւր էիք կորել, ― հարցրի ես։

― Ես նրանց բերեցի այստեղ, ― ասաց Կոնը։

― Հիմարություն, ― ասաց Բրեթը։ ― Եթե դուք չլինեիք, մենք վաղուց եկած կլինեինք։

― Ոչ, դուք երբեք չէիք գա։

― Կատարյալ հիմարություն։ Բայց դուք երկուսդ էլ արևից լավ թխացել եք։ Մի նայեք Բիլլին։

― Շա՞տ ձուկ բռեցիք, ― հարցրեց Մայքը։ ― Մենք ուզում էինք միանալ ձեզ։

― Հաջող էր մեր ձկնորսությունը։ Սակայն ձեր կարիքը շատ էինք զգում։

― Ես ուզում էի գալ, ― ասաց Կոնը, ― բայց մտածեցի, որ հարկավոր է նրանց բերել։

― Մեզ բերել։ Նորից հիմարություն։

― Իսկապե՞ս որսը հաջող էր, ― հարցրեց Մայքը։ ― Ձուկ շա՞տ բռնեցիք։

― Օր էր լինում, որ ամենքս մի տասը ձուկ էինք բռնում։ Մեզ հետ մի անգլիացի կար։

― Ազգանունը Հարրիս, ― ասաց Բիլլը։ ― Դուք այդպիսի մեկին չե՞ք ճանաչում, Մայք։ Նա էլ է մասնակցել պատերազմին։

― Բախտավոր մարդ, ― ասաց Մայքլը։ ― Ուրախ ժամանակներ էին։ Եվ ով կարող է վերադարձնել մեզ այդ պայծառ օրերը։

― Հիմարություններ դուրս մի տուր։

― Դուք պատերազմում եղե՞լ եք, Մայքլ, ― հարցրեց Կոնը։

― Իհարկե։

― Նա քաջարի զինվոր է եղել, ― ասաց Բրեթը։ ― Հապա պատմիր նրան, թե քո ձին քեզ ինչպես տարավ Փիքադիլլի։

― Չեմ ուզում։ Արդեն չորս անգամ պատմել եմ։

― Ինձ համար ոչ մի անգամ չեք պատմել, ― ասաց Ռոբերտ Կոնը։

― Չեմ պատմի այդ պատմությունը։ Այն վարկաբեկում է ինձ։

― Պատմիր նրանց քո մեդալների մասին։

― Չեմ ուզում։ Այդ պատմությունը ստվեր է գցում ինձ վրա։

― Բայց ի՞նչ պատմություն է դա։

― Բրեթը ձեզ կպատմի։ Նա պատմում է բոլոր այն պատմությունները, որ ստվեր են գցում ինձ վրա։

― Դե, պատմիր, Բրեթ։

― Պատմե՞մ։

― Ինքս կպատմեմ։

― Մայք, դուք ինչ մեդալներ եք ստացել։

― Ոչ մի մեդալ էլ չեմ ստացել։

― Չի կարող պատահել։

― Իմ կարծիքով ես ունեմ բոլոր այն մեդալները, որ պիտի ունենայի, բայց ինքս երբեք չեմ խնդրել, որ ինձ մեդալ տան։ Մի անգամ մեծ ճաշկերույթ էին կազմակերպել և սպասում էին, որ պետք է գա Ուելսի արքայազնը, հրավիրատոմսի վրա գրված էր, որ բոլորը պետք է լինեն իրենց շքանշաններով և մեդալներով։ Ես, իհարկե, ոչ մի մեդալ էլ չունեի, մտա իմ ծանոթ դերձակի մոտ, ցույց տվեցի հրավիրատոմսս, նա, բնականաբար, հարգանքով լցվեց իմ նկատմամբ, ես էլ դրանից օգտվեցի ու ասացի նրան․ «Դուք պետք է ինձ համար մի քանի մեդալ գտնեք»։ Նա ասաց․ «Ի՞նչ մեդալներ, պարոն»։ Իսկ ես ասացի․ «Միևնույն է, ինչ որ լինի, միայն թե մի քանի հատ գտեք ինձ համար»։ Իսկ նա ասում է․ «Ինչ իմանամ» Մի՞թե դուք կարծում եք, թե ես ժամանակ եմ կորցնում բանակային այդ հիմար թերթերը կարդալով։ Տվեք ինչ ուզում եք, միայն որքան կարելի է շատ։ Ինքներդ ընտրեցեք»։ Նա էլ հենց տվեց ինձ մեդալներս, շատ փոքրի մեդալներ, ամբողջ մի տուփ, ես այդ տուփը գրպանս դրեցի, ու մոռացա դրա մասին։ Իհարկե, գնացի ճաշկերույթին, բայց հենց այդ երեկո սպանել էին Հենրի Ուիլսոնին, և ոչ արքայազնն էր եկել, ոչ թագավորը, ու շքանշան֊մեդալի պետք էլ չկար։ Բոլոր տղաները չարչարվելով իրենց մեդալներն էին հանում, իսկ իմս գրպանումս էր։

Նա պատմությունն ընդհատեց, և սպասում էր, որ մենք ծիծաղենք։

― Հենց այդքա՞ն։

― Այո։ Թերևս լավ չպատմեցի։

― Շատ վատ պատմեցիր, ― ասաց Բրեթը, ― բայց ոչինչ։

Բոլորս ծիծաղեցինք։

― Հա, ― ասաց Մայքը, ― հիշեցի։ Շատ ձանձրալի ճաշկերույթ էր, չկարողացա դիմանալ և դուրս եկա։ Երեկոյան մեկ էլ գրպանումս հայտնաբերեցի տուփը։ Սա ի՞նչ բան է, մտածեցի։ Մեդալնե՞ր։ Զինվորական անիծյալ մեդալներ։ Բոլոր այդ մեդալները իրարից անջատեցի, դրանք մի ժապավենի վրա էին ամրացված և մի֊մի հատ սկսեցի բաժանել աղջիկներին, որպես հուշանվեր։ «Այ սա մարտիկ է, ― մտածում էին նրանք։ Մեդալներ է բաժանում գիշերային գինետանը։ Իսկական կտրիճ է»։

― Շարունակությունը պատմիր, ― ասաց Բրեթը։

― Դա իսկապես շատ ծիծաղելի էր։ Եվ ահա դերձակս ինձ նամակ է գրում և ետ է պահանջում մեդալները։ Մարդ է ուղարկում մեդալներն ուզելու։ Ամիսներ շարունակ գրում է։ Բանից դուրս է գալիս, ինչ֊որ մեկը տվել էր նրան այդ մեդալները, որ փայլեցնի։ Մի զինվորական։ Այդ մարդը դողում էր մեդալների վրա, քիչ էր մնում խելքը թռցնի։

Մայքը լռեց։

― Դերձակի համար դա ծանր հարված էր, ― ասաց նա։

― Ինչ եք ասում, ― ասաց Բիլլը, ― ես կարծում էի, որ դուք երջանկացրել եք ձեր դերձակին։

― Շատ լավ դերձակ էր։ Հիմա ինձ վրա նայելով դժվար է դրան հավատալ, ― ասաց Մայքը։ ― Ես նրան տարեկան հարյուր ֆունտ էի վճարում, որ հանգիստ լինի։ Եվ նա ինձ երբեք հաշիվներ չէր ուղարկում։ Այնպես որ իմ սնանկանալը նրա համար սարսափելի հարված էր։ Իսկ դա եղավ մեդալների պատմությունից անմիջապես հետո։ Ու հենց դրա համար էր, որ այդքան զայրացած նամակներ էր գրում։

― Իսկ ինչպե՞ս սնանկացաք, ― հարցրեց Բիլլը։

― Երկու եղանակով, ― ասաց Մայքլը, ― սկզբում աստիճանաբար, հետո միանգամից։

― Եվ ի՞նչն էր պատճառը։

― Ընկերներս, ― ասաց Մայքլը։ ― Ես շատ ընկերներ ունեի։ Ոչ իսկական ընկերներ։ Եվ ունեի նաև շատ պարտատերեր։ Անգլիայում հավանաբար ոչ ոք ինձնից շատ պարտատերեր չուներ։

― Նրանց դատի մասին պատմիր, ― ասաց Բրեթը։

― Չեմ հիշում, ― ասաց Մայքը։ ― Մի քիչ հարբած էի։

― Մի քիչ, ― բացականչեց Բրեթը։ ― Դու սարսափելի հարբած էիր։

― Զարմանալի բան, ― ասաց Մայքը։ ― Օրերս հանդիպեցի իմ նախկին գործընկերոջը։ Ուզում էր ինձ խմիչք հյուրասիրել։

― Քո գիտուն փաստաբանի մասին պատմիր, ― ասաց Բրեթը։

― Ոչ, ― ասաց Մայքը, ― իմ գիտուն փաստաբանը նույնպես հարբած էր։ Ասացի չէ, որ սա շատ տհաճ թեմա է։ Եվ, վերջապես, գնո՞ւմ ենք նայելու ինչպես են բեռնաթափում ցլերին, թե ոչ։

― Գնում ենք։

Կանչեցինք մատուցողին, վճարեցինք և քայլեցինք դեպի քաղաքի մյուս ծայրը։ Ես գնացի Բրեթի հետ, սակայն Ռոբերտ Կոնը հասավ մեզ և քայլեց Բրեթի մյուս կողքից։ Այդպես երեքով քայլելով անցանք Ayuntamiento֊ի մոտով, որի պատշգամբից դրոշակներ էին կախված, շարունակեցինք մեր ճամփան շուկայի մոտով և քայլեցինք զառիվեր փոքրիկ փողոցով, որ տանում էր դեպի Արգայի կամուրջը։ Ցլերին դիտելու շատ մարդ էր գնում, կառքերն ստիպված էին իջնել ցած և անցնել կամուրջով։ Ոտքով քայլողների գլխավերևում երևում էին մտրակներ, ձիեր, կառապաններ։ Կամուրջն անցնելով թեքվեցինք դեպի կորրալ տանող ճանապարհը։ Անցանք մի գինու խանութի մոտով, որի ցուցափեղկին գրված էր․ «Լավ գինի, մեկ լիտրը 30 սենտիմ»։

― Ահա թե ուր կգանք, երբ փողներս վերջանա, ― ասաց Բրեթը։

Երբ անցնում էինք խանութի մոտով, դռանը կանգնած կինը նայեց մեզ։ Նա ձայն տվեց ինչ֊որ մեկին, և երեք աղջիկ մոտեցան պատուհանին ու սկսեցին մեզ նայել։ Նրանք նայում էին Բրեթին։

Կորալլի դարպասի մոտ երկու տղամարդ տոմսերն էին վերցնում ներս մտնողներից։ Մենք ներս մտանք։ Ցանկապատից ներս ծառեր էին աճում և մի ցածր քարե տուն կար։ Բակի ծայրին երևում էին կորրալի պատը՝ անցքերով, որ հրակնատների նման շարված էին երկու անասնանոցներից յուրաքանչյուրի ճակատամասին։ Պատին մի աստիճան էր հենած, որով մարդիկ բարձրանում էին ու կանգնում երկու անասնանոցների միջև ընկած լայն միջնորմին։ Երբ մենք ծառերի տակ աճած խոտի վրայով մոտենում էինք սանդուղքին, անցանք մեծ, մոխրագույն ներկած վանդակների մոտով, որոնց մեջ ցլեր էին Յուրաքանչյուր վանդակի մեջ ցուլ էր։ Դրանց գնացքով բերել էին կաստիլյան ցլաբուծարանից, կայրանում բեռնաթափել էին ապրանքատար բաց վագոններից և բերել այստեղ, որպեսզի վանդակներից բաց թողնեն կորրալ։ Ամեն վանդակի վրա գրված էր ցլաբուծարանի տիրոջ անունն ու նշանը։

Բարձրացանք սանդուղքին և տեղ գտանք մի պատի մոտ, որտեղից երևում էր կորրալը։ Պատերը սպիտակեցված էին, գետնին ծղոտ էր փռած, իսկ պատերի երկայնությամբ դրված էին փայտե կերամաններ և ջրի տաշտեր։

― Մի այն կողմ նայեց, ― ասացի ես։

Գետից այն կողմ, բարձրահարթի վրա վեր էր խոյանում քաղաքը։ Հին հողապատնեշներն ու ամրոցի պատերն ամբողջապես ծածկված էին մարդկանցով։ Երեք շարք ամրություններին այնքան խիտ էին կանգնած մարդիկ, որ դրանք ասես երեք սև գծեր լինեին։ Ավելի վեր, տների պատուհաններից ամեն տեղ երևում էին մարդկանց գլուխներ։ Բարձրահարթի եզրին ծառերն էին բարձրացել փոքրիկ տղաները։

― Նրանք կարծես ինչ֊որ բանի են սպասում, ― ասաց Բրեթը։

― Ուզում են տեսնել ցլերին։

Մաքյն ու Բիլլը կանգնած էին անասնանոցի դիմացի պատի մոտ։ Նրանք մեզ ձեռքով արեցին։ Մեզնից հետո եկած մարդիկ ետևից սեղմում էին մեզ, իսկ նրանց էլ ճնշում էին ավելի ուշ եկածները։

― Ինչո՞ւ չեն սկսում, ― հարցրեց Ռոբերտ Կոնը։

Վանդակներից մեկին մի ջորի կապեցին, որը վանդակը քարշ տվեց մինչև կորրալի պատի միջի դարպասը։ Մարդիկ լինգերով շարունակ հրում և բարձրացնում էին վանդակն այնպես, որ այն ուղիղ դարպասի առաջ կանգնի։ Պատին կանգնած արդեն սպասում էին ուրիշ մարդիկ, պատրաստ բացելու կորրալի դարպասն, ու այնտեղից դուրս վազեցին երկու եզ՝ գլուխները թափահարելով, նիհար կողերը ճոճելով։ Նրանք կանգնեցին իրար կողքի, պատի մոտ, գլուխները դեպի դարպասը, որտեղից պետք է դուրս գար ցուլը։

― Չէի ասի, թե ուրած տեսք ունեն, ― ասաց Բրեթը։

Պատի վրա կանգնած մարդիկ կռացան և բացեցին կորրալի դուռը։ Հետո բացեցին վանդակի դուռը։

Ես պատի վրայից կռացա, ջանալով նայել վանդակի մեջ։ Այնտեղ մութ էր։ Մեկը մետաղաձողով խփեց վանդակին։ Ներսում ասես ինչ֊որ բան պայթեց։ Ցուլը մռնչում էր կոտոշները այս ու այն կողմ խփելով վանդակի փայտերին։ Հետո տեսա մի սև դունչ և կոտոշների ստվերը, ապա սմբակներն աղմուկով դոփելով փայտերին, ցուլը դուրս թռավ կորրալ, առջևի ոտքերը սահեցրեց ծղոտի վրայով, կանգ առավ՝ ամբողջ մարմնով դողալով, պարանոցի մկանները ուռցրած, և գլուխը ետ գցելով նայեց պատերին շարված մարդկանց։ Երկու եզները ետ֊ետ գնացին դեպի պատը, գլուխները կախ, աչքը ցլից չկտրելով։

Ցուլը տեսավ եզներին և նետվեց նրանց կողմը։ Կերի տաշտի ետև կանգնած որսահալածներից մեկը բարձր ձայն տվեց, գլխարկը խփելով փայտերին, և ցուլը եզներին չմոտեցած շրջվեց, ձգվեց, ցատկեց դեպի կերակրատաշտն ու սկսեց աջ կոտոշով հարվածներ տեղալ, ջանալով հարվածել որսահալածին։

― Տեր իմ, որքան գեղեցիկն է, ― ասաց Բրեթը։

Ցուլը կանգնած էր հենց մեր ցածում։

― Տեսեք, թե նա ինչպես է օգտագործում իր կոտոշները, ― ասացի ես։ ― Նրա աջ և ձախ հարվածները իսկական բռնցքամարտիկի հարվածներ են։

― Իսկապե՞ս։

― Նայեք։

― Չափազանց արագ է, չեմ հասցնում տեսնել։

― Սպասեք։ Հիմա մի նոր ցուլ բաց կթողնեն։

Մուտքի մոտ արդեն նոր վանդակ էր դրված։ Կորրալի հեռու անկյունում որսահալածը փայտե ցանկապատի ետև թաքնված գրավում էր ցուլի ուշադրությունը, և մինչ ցուլը նայում էր նրա կողմը, դուռը բացեցին և երկրորդ ցուլը ներս խուժեց կորրալ։

Նա միանգամից հարձակվեց եզների վրա, և երկու որսահալած դուրս թռան փայտե ցանկապատի ետևից ու սկսեցին բարձր գոռգոռալ, փորձելով իրենց կողմ գրավել ցուլի ուշադրությունը։ Նրանք գոռում էին․ «Հա՜֊հա՜, Տորո», ― և ձեռներն էին թափահարում, սակայն ցուլը ետ չշրջվեց․ եզները կանգնեցին կողքով դեպի ցուլը, որպեսզի հարվածն ընդունեն, և ցուլը կոտոշը խրեց մեկի կողի մեջ։

― Մի նայիր, ― ասացի Բրեթին։

Սակայն նա հմայված նայում էր ցուլին։

― Դե լավ, ― ասացի ես, ― եթե ձեզ համար սա տհաճ չէ։

― Ես տեսա, ― ասաց Բրեթը։ ― Տեսա թե ինչպես նա հարվածեց ձախ, հետո էլ աջ կոտոշով։

― Հիանալի է։


Եզն ընկել ու մնացել էր նույն դիրքում՝ պարանոցը ձգած, գլուխը թեքած։ Հանկարծ ցուլը թողեց զոհին և հարձակվեց մյուս եզան վրա, որ կանգնած էր կորրալի հեռավոր անկյունում և գլուխը այս ու այն կողմ պտտելով նայում էր ցլին։ Եզն անվարժ վազեց, ցուլը հասավ նրան, թեթևակի պոզահարեց կողը, հետո շրջվեց և բաշն ուռցրած կատաղի նայեց պատերին շարված մարդկանց։ Եզը մոտեցավ ցլին, ձևացնելով, թե ուզում է հոտոտել նրան, սակայն ցուլը մի քանի անգամ թեթևակի պոզահարեց նրան։ Հետո ցուլը հոտոտեց եզին և երկուսով վազեցին դեպի առաջին ցուլը։

Երբ մի նոր ցուլ մտավ կորրալ, երկու ցլերն ու եզը կանգնած էին կողք֊կողքի, գլուխները թեքած և կոտոշներն ուղղած դեպի նորեկը։ Եզը մի քանի րոպեում մտերմացավ ցլի հետ, հանգստացրեց նրան և միացրեց նախրին։ Երբ բեռնաթափեցին վերջին երկու ցլերին, ամբողջ նախիրը հավաքվեց մի տեղ։

Եզը, որին պոզահարել էր առաջին ցուլը, քարե պատին հենվելով ոտքի կանգնեց։ Ցլերը նրան չմոտեցան, և եզն էլ չփորձեց միանալ նախրին։

Մենք հավաքված մարդկանց հետ իջանք պատից և մի անգամ էլ նայեցինք ցլերին կորրալի պատի արանքից։ Հիմա բոլորը կանգնած էին հանգիստ, գլուխները կախած։ Դուրս գալով այդտեղից, կառք նստեցինք և գնացինք սրճարան։ Մայքը և Բիլլը եկան կես ժամ հետո։ Ճանապարհին մի քանի տեղ կանգ էին առել խմելու։

Նստած էինք սրճարանում։

― Զարմանալի բան է, ― ասաց Բրեթը։

― Վերջին ցլերն արդյոք նույնքա՞ն լավ են մարտի համար, ինչպես առաջինները, ― հարցրեց Ռոբերտ Կոնը։ ― Դրանք կարծես շատ շուտ հանգստացան։

― Նրանք բոլորն իրար գիտեն, ― ասացի ես։ ― Ցլերը վտանգավոր են, երբ մենակ են, կամ երկու֊երեքով են։

― Այսինքն ինչպես թե, ― ասաց Բիլլը։ ― Ինձ համար դրանք միշտ էլ սարսափելի են։

― Ցուլը սպանելու ցանկություն է ունենում, երբ մենակ է։ Իհարկե, եթե դու մտնեիր նրանց մոտ, նրանցից մեկը հավանաբար կառանձնանար և այդպիսով կդառնար վտանգավոր։

― Դա շատ բարդ է, ― ասաց Բիլլը։ ― Մայք, ինձ երբեք նախրից չանջատեք։

― Ամեն դեպքում, ― ասաց Մայքը, ― դրանք հիանալի ցլեր էին։ Նրանց կոտոշները տեսա՞ք։

― Ինչպես չտեսա, ― ասաց Բրեթը։ ― Ես առաջ ոչ մի պատկերացում չունեի, թե դրանք ինչպիսին են։

― Իսկ տեսա՞ք, թե ինչպես եզին պոզահարեց, ― հարցրեց Մայքը։ ― Հոյակապ էր։

― Եզ լինելն այնքան էլ հաճելի բան չէ, ― ասաց Ռոբերտ Կոնը։

― Դուք ա՞յդ կարծիքին եք, ― ասաց Մայքը։ ― Իսկ ինձ թվում է, որ ձեզ դուր կգար եզ լինել, Ռովերտ։

― Ի՞նչ եք ուզում ասած լինել, Մայքլ։

― Եզները շատ խաղաղ կյանք ունեն։ Միշտ լռում են և միշտ ցցված են ցլերի կողքին։

Բոլորս մեզ անհարմար, վատ զգացինք։ Բիլլը ծիծաղեց։ Ռոբերտ Կոնը զայրացած էր։ Մայքը շարունակում էր․

― Ինձ թվում է դա ձեզ շատ դուր կգար։ Ստիպված չէիք լինի խոսել։ Դե, Ռոբերտ, մի բան ասեք, հո չի կարելի այդպես լուռ նստել։

― Ես ասացի, Մայք։ Մի՞թե չեք հիշում։ Եզների մասին։

― Օհ, էլի մի բան ասեք։ Մի զվարճալի բան ասեք։ Դուք հո տեսնո՞ւմ եք, որ բոլորս այստեղ լավ ժամանակ ենք անցկացնում։

― Բավական է, Մայք։ Դու հարբած ես, ― ասաց Բրեթը։

― Ես հարբած չեմ։ Ես շատ լուրջ եմ։ Հետաքրքիր է, Ռոբերտ Կոնը դեռ ինչքան է մտադիր եզան նման Բրեթի շուրջը պտտվել։

― Լռիր, Մայքլ։ Ցույց տուր, որ դաստիարակված մարդ ես։

― Գրողի ծոցը այդ դաստիարակությունը։ Ցլերից բացի, ո՞վ է, որ լավ դաստիարակություն ունի։ Բայց նրանք հրաշալի են, չէ՞։ Ձեզ դուր եկա՞ն, Բիլլ։ Ինչո՞ւ դուք ոչինչ չեք ասում, Ռոբերտ։ Նստել եք այստեղ հուղարկավորողի տեսքով։ Հետո ինչ, որ Բրեթը ձեզ հետ քնել է։ Նա ձեզանից շատ ավելի լավերի հետ է եղել։

― Լռեք, ― ասաց Կոնը։ Նա վեր կացավ տեղից։ ― Լռեք, Մայք։

― Օհ, մի վեր կացեք և ձեզ մի պահեք այնպես, ասես ուզում եք ինձ խփել։ Դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ասացեք, Ռոբերտ, ինչո՞ւ եք ողորմելի եզան պես շարունակ պտտվում Բրեթի շուրջը։ Չե՞ք հասկանում, որ դուք նրան պետք չեք։ Ես, օրինակ, իսկույն զգում եմ՝ պետք եմ, թե ոչ։ Ինչո՞ւ դուք չեք զգում։ Դուք եկաք Սան֊Սեբաստիան, ուր ձեզ բոլորովին չէին սպասում և աներես եզան պես սկսեցիք պտտվել Բրեթի շուրջը։ Ձեր կարծիքով դա ճի՞շտ է։

― Լռեք, դուք հարբած եք։

― Միգուցե և հարբած եմ։ Իսկ դուք ինչո՞ւ հարբած չեք։ Ինչո՞ւ երբեք չեք խմում, Ռոբերտ։ Ձեզ համար այնքան էլ ուրախ չէր Սան֊Սեբաստիանում, որովհետև մեր ընկերներից և ոչ մեկը ձեզ ոչ մի երեկոյի չհրավիրեց։ Եվ նրանց մեղադրել չեք կարող։ Մի՞թե կարող եք։ Ես էլ եմ նրանց խնդրել, որ ձեզ հրավիրեն։ Սակայն նրանք չուզեցին։ Ասացեք, մի՞թե կարող եք նրանց մեղադրել։ Դե, ասացեք։ Պատասխանեք ինձ։ Կարո՞ղ եք դուք նրանց մեղադրել։

― Կորեք գրողի ծոցը, Մայքլ։

― Ես չեմ կարող նրանց մեղադրել։ Իսկ դուք, դուք կարո՞ղ եք։ Ինչո՞ւ եք շարունակ Բրեթի ետևից քարշ գալիս։ Սա ինչ պահվածք է։ Ինչ եք կարծում, դա հաճելի՞ է ինձ։

― Պահվածքից լավ է չխոսես, ― ասաց Բրրեթը։ ― Դու ինքդ էլ մի երևելի պահվածք չունես։

― Գնանք, Ռոբեր, ― ասաց Բիլլը։

― Ինչո՞ւ եք շարունակ նրա ետևիվ քարշ գալիս։

Բիլլը վեր կացավ և քաշեց Կոնի թևից։

― Մի գնացեք, ― ասաց Մայքը։ ― Ռոբերտ Կոնը խմիչք է պատվիրում։

Բիլլը Կոնի հետ գնաց։ Կոնի դեմքը դեղնել էր։ Մայքլը շարունակում էր խոսել։ Ես լուռ նստած մի քիչ ժամանակ լսում էի նրան։ Բրեթը դժգոհ տեսք ուներ։

― Մայքլ, դու քեզ պարզապես հիմարի պես ես պահում, ― ընդհատեց նա Մայքլին։ ― Սակայն դա չի նշանակում, որ նրա ասածները ճիշտ չեն, ― դարձավ նա դեպի ինձ։

Մայքլն անմիջապես խաղաղվեց։ Մենք իրար հետ կարողանում էինք ընկերություն անել։

― Ես այնքան էլ հարբած չեմ, ինչպես թվում է ձեզ, ― ասաց նա։

― Գիտեմ, որ դու հարբած չես, ― ասաց Բրեթը։

― Բոլորս էլ մի քիչ խմել ենք։

― Ես ասում էի այն, ինչ մտածում էի։

― Բայց ասում էիր շատ վատ ձևով, ― Բրեթը ծիծաղեց։

― Ամեն դեպքում, նա ավանակ է։ Եկավ Սան֊Սեբաստիան, որտեղ ոչ մեկի համար հաճելի չէր։ Քարշ էր գալիս Բրեթի շուրջն ու աչքը չէր կտրում նրանից։ Ուղղակի զզվելի էր։

― Իսկապես, նա իրեն վատ պահեց, ― ասաց Բրեթը։

― Հասկացեք ինձ։ Բրեթն առաջ էլ սիրեկաններ ուներ։ Նա ինձ ամեն ինչ պատմում է։ Նա ինձ տվեց Կոնի նամակները, որ կարդամ, սակայն ես չկարդացի։

― Ինչպիսի՜ վեհանձնություն։

― Լսեք ինձ, Ջեյք։ Բրեթը ունեցել էր սիրեկաններ։ Սակայն նրանց մեջ ոչ մի հրեա չի եղել, և նրանք հետո այլևս Բրեթին նեղություն չեն պատճառել։

― Շատ լավ տղաներ էին, ― ասաց Բրեթը։ ― Սակայն չարժե այդ մասին խոսել։ Ես և Մայքլն իրար հասկանում ենք։

― Նա տալիս էր ինձ Կոնի նամակները, սակայն ես չէի կարդում։

― Սիրելիս, դու ընդհանրապես ոչ մի նամակ չէիր կարդում։ Նույնիսկ իմ նամակները։

― Նամակներ կարդալ չեմ կարողանում, ― ասաց Մայքը։ ― Ծիծաղելի է, այնպես չէ՞։

― Դու ոչինչ կարդալ չես կարող։

― Ոչ։ Այ, այստեղ դու սխալվում ես։ Ես շատ եմ կարդում, երբ տանն եմ, շա՜տ, շատ եմ կարդում։

― Շուտով կսկսես գրել, ― ասաց Բրեթը։ ― Դե, Մայքլ, տրամադրությունդ մի գցիր։ Նա այստեղ է, և դու պետք է հաշտվես այդ մտքի հետ։ Ֆիեստան մի փչացրու։

― Ուրեմն թող կարգին պահի իրեն։

― Կարգին կպահի։ Ես կասեմ նրան, որ իրեն կարգին պահի։

― Դուք ասեք նրան, Ջեյք։ Ասեք նրան, որ կամ իրեն կարգին պահի, կամ կորի գնա այստեղից։

― Այո, իհարկե, ― ասացի։ ― Ինձ համար հատկապես հաճելի կլինի նրան այդ ասել։

― Լսիր, Բրեթ, ասա Ջեյքին, թե Ռոբերտն ինչպես է քեզ անվանում։ Դա պարզապես հրաշք է։

― Օհ, ոչ։ Չեմ կարող։

― Ասա։ Չէ որ մենք մտերիմներ ենք, ընկերներ։ Այնպես չէ՞, Ջեյք, մենք ընկերներ ենք, չէ՞։

― Չեմ կարող, Մայքլ։ Դա ծիծաղելի է։

― Ուրեմն, ես կասեմ։

― Պետք չէ, Մայքլ։ Հիմարություն մի արեք։

― Նա Բրեթին կոչում է Կիրկե, ― ասաց Մայքլը։ ― Հավատացնում է, որ Բրեթը տղամարդկանց դարձնում է խոզ։ Հիանալի է ասված։ Ափսոս, որ ես գրող չեմ։

― Բայց Մայքլից շատ լավ գրող դուրս կգար, ― ասաց Բրեթը։ ― Ի՜նչ նամակներ է գրում նա։

― Գիտեմ, ― ասացի։ ― Նա գրել էր ինձ Սան֊Սեբաստիանից։

― Դա ինչ է որ, ― ասաց Բրեթը։ ― Նա կարող է շատ զվարճալի նամակներ գրել։

― Բրեթը ստիպեց ինձ, որ գրեմ։ Ինքը հիվանդ էր ձևացել։

― Ես իսկապես հիվանդ էի։

― Գնանք, ― ասացի։ ― Գնանք, ուտելու ժամանակն է։

― Ես ինձ ինչպես պահեմ Կոնի հետ, ― ասաց Մայքլը։

― Պահեք ձեզ այնպես, ասես ոչինչ չի եղել։

― Ինձ համար միևնույն է, ― ասաց Մայքը։ ― Ես ինձ ամենևին անհարմար չեմ զգում։

― Եթե նա այդ մասին մի բան ասի, ասացեք, որ հարբած եք եղել։

― Ճիշտ է։ Եվ ծիծաղելին այն է, որ կարծես իսկապես էլ հարբած եմ եղել։

― Գնանք, ― ասաց Բրեթը։ ― Այս թույնի համար վճարե՞լ եք։ Մինչև ճաշ ես պետք է լոգանք ընդունեմ։

Կրեցինք անցանք հրապարակը։ Արդեն մթնել էր, սակայն հրապարակը լուսավորված էր սյունաշարի տակ գտնվող սրճարանների լույսերով։ Քայլեցինք դեպի հյուրանոց ծառերի տակով, մանրախճով ծածկված նեղլիկ ճանապարհով։

Մայքլն ու Բրեթը վեր բարձրացան, իսկ ես կանգնեցի, որ մի քիչ խոսեմ Մոնտոյայի հետ։

― Ցլերը ձեզ դո՞ւր եկան, ― հարցրեց Մոնտոյան։

― Այո։ Հիանալի ցլեր են։

― Ոչինչ, լավն են։ ― Մոնտոյան գլուխը տարուբերեց։ ― Բայց շատ լավ չեն։

― Ինչո՞ւ ձեզ դուր չեն գալիս։

― Ինքս էլ չգիտեմ։ Ուղղակի այնպիսի մի զգացում ունեմ, որ դրանք այնքան էլ լավ ցլեր չեն։

― Հասկանում եմ ձեզ։

― Բայց, իհարկե, վատ ցլեր չեն։

― Այո, վատը չեն։

― Իսկ ձեր ընկերները հավանեցի՞ն։

― Շատ հավանեցին։

― Լավ է, ― ասաց Մոնտոյան։

Բարձրացա վերև։ Բիլլը իր սենյակի պատշգամբում կանգնած նայում էր դեպի հրապարակ։ Մոտեցա նրան։

― Որտե՞ղ է Կոնը։

― Իր սենյակում։

― Ինչպե՞ս է զգում իրեն։

― Իհարկե, շատ վատ։ Մայքլն իրեն շատ վատ պահեց։ Հարբած ժամանակ նա անտանելի է։

― Նա հարբած չէր։

― Ինչպես թե հարբած չէր։ Ես հո գիտեմ մենք ինչքան էինք խմել մինչև սրճարան գալը։

― Հետո նրա հարբածությունն անցավ։

― Թեկուզ և այդպես։ Բայց նա իրեն այլանդակ պահեց։ Ես էլ Կոնին մի առանձնապես չեմ սիրում և գտնում եմ, որ նրա Սան֊Սեբաստիան գնալը հիմարություն էր, սակայն ոչ ոք իրավունք չունի Մայքլի նման խոսել մարդու հետ։

― Ցլերը հավանեցի՞ր։

― Շատ։ Նրանց դուրս բերելը ուղղակի հիանալի է։

― Վաղը կբերեն մյուրյան ցլերին։

― Ֆիեստան ե՞րբ է սկսվում։

― Վաղը չէ մյուս օրը։

― Պետք է հետևել Մայքլին, որ շատ չհարբի։ Թե չէ իրեն շատ վատ է պահում։

― Ավելի լավ է մեզ կարգի բերենք ընթրիքի իջնելու։

― Այո, ուրախ ընթրիք է լինելու։

― Դե, իհարկե։


Ընթրիքն իսկապես էլ շատ ուրախ անցավ։ Բրեթը հագել էր անթև, սև գույնի երեկոյան զգեստ։ Նա շատ գեղեցիկ էր։ Մայլքն իրեն պահում էր այնպես, կարծես ոչինչ չէր եղել։ Ես ստիպված էի վեր բարձրանալ և բերել Ռոբերտ Կոնին։ Նա իրեն պահում էր սառն ու պաշտոնական, դեմքը դեռ դեղնած էր, գունատ, ինքնամփոփ, սակայն վերջում նրա տրամադրությունն էլ բացվեց։ Նա չէր կարողանում չնայել Բրեթին։ Հավանաբար դա նրա համար մեծ երջանկություն էր։ Հավանաբար նրա համար հաճելի էր տեսնել Բրեթին այդքան գեղեցիկ, և իմանալ, որ Բրեթը մեկնել է իր հետ, և որ բոլորը գիտեն այդ։ Դա արդեն ոչ մեկը չէր կարող նրանից խլել։ Բիլլը սրամտում էր։ Սրամտում էր և Մայքլը։ Նրանք միասին իրենց շատ լավ էին զգում։

Այդպիսի ընթրիքներ ես հիշում էի մեկ էլ պատերազմի ժամանակ։ Շատ գինի, շինծու անհոգություն և այնպիսի մի նախազգացում, որ ինչ լինելու է կլինի և հնարավոր չէ կանխել։ Գինու ազդեցության տակ իմ մռայլ զգացողություններն էլ վերացան և տրամադրությունս բարձրացավ։ Բոլորը թվում էին ինձ լավ, բարի մարդիկ։






  1. Չեմ ճանաչում (ֆր․)։
  2. Bal Musette ― էժանագին պարասհրահ (ֆր․)։
  3. ֆրանսիական խմիչք (կոնյակ և ջուր)։
  4. Հասկանալի է, պարոն (ֆր․)։
  5. Բելֆորի առյուծը (ֆր․)։
  6. Ինչպիսի դժբախտություն (իտ․)։
  7. Հաճելի (ֆր․)։
  8. Այրի Կլիքո (ֆր․)։
  9. Ի՞նչ (ֆր․)։
  10. Նկատի ունի ժամանակակից Կու֊կլուս֊կլանը, որ կազմակերպել էր 1915 թ․ մեթոդիստական քարոզիչ Ու․ Սայմոնը։
  11. Քաղաքապետարան։
  12. Ավելի բարձր (իսպ․)։
  13. Օղի (իսպ․)։
  14. Ռոնսեվալի աստվածամայր (իսպ․)։
  15. Ձեզ համա՞ր է։ (իսպ․)։
  16. Լավ մարդ (իսպ․)։
  17. Արև, արև և ստվեր, ստվեր (իսպ․)։