Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 171 բայտ, 15:17, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ վեցերորդ */
Թագավորը երաժշտություն շատ էր սիրում․<ref>Թագավորը երաժշտություն շատ էր սիրում․ ― Մի ակնարկ է այն հովանավորության մասին, որ ցույց է տվել Գեորգ I֊ը Հենդելին, որն անգլիական բարձր հասարակության մեջ մեծ հաջողություն ուներ։ Երաժշտությամբ զբաղվելը Սվիֆտը ծաղրում է նաև «Ճանապարհորդություն դեպի Լապուտա» մասում։</ref> և արքունիքում հաճախ սարքում էին համերգներ, և ինձ ևս երբեմն տանում էին լսելու, սակայն գործիքների աղմուկն այնքան ուժգին էր, որ ես չէի կարողանում ըմբռնել եղանակը։ Հավատաված եմ, որ անգլիական թագավորական բանակի բոլոր թմբկահարներն ու փողահարները, եթե միանգամից թմբակահարեին ու փողահարեին ձեր ականջի տակ, չէին կարող հավասարվել այդ երաժշտությանը։ Սովորաբար համերգի ժամանակ իմ արկղը հեռացնում էի երաժիշտներից, ապա փակում արկղիս դուռն ու պատուհանները և իջեցնում վարագույրները․ դրանից հետո միայն գտնում էի, որ նրանց երաժշտությունն այնքան էլ անհաճո չէ։
Երիտասարդ ժամանակ ես մի փոքր սովորել էի սպինետի վրա նվագել․ դրանից մեկը դրված էր Գլյումդալկլիչի սենյակում, ու շաբաթը երկու անգամ նրան դաս տալու համար ուսուցիչ էր գալիս։ Դրան ես անվանում էի սպինետ, <ref>Սպինետ․ ― Հնամենի երաժշտական գործիք, որ պատկանում է կլավեսինի կամ կլավիկորդի տեսակին։</ref> որովհետև շատ նման է այն գործիքին և նվագելու ձևն էլ նույն է։ Մի անգամ մտքովս անցավ այդ գործիքի վրա անգլիական եղանակներ նվագելով զվարճացնել թագավորին ու թագուհուն։ Բայց այդ բանը շատ դժվար հաջողվեց, որովհետև սպինետը վաթսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ ամեն մի կլավիշը՝ պակասը երկու ոտնաչափ երկարություն, այնպես որ որքան էլ տարածեի իմ բազուկները՝ հինգ կլավիշից ավելի ձեռքս չէր հասնի, իսկ նրանց սեղմելու համար հարկավոր էր բռունցքի սաստիկ հարված, որ մեծ ջանք էր պահանջում ու նպատակին չէր հասցնում։ Իմ հնարած միջոցն այս էր։ Ես երկու հատ կլոր գավազան պատրաստեցի, սովորական ցուպի չափ, դրանց մի ծայրն ավելի հաստ էր, քան մյուսը․ հաստ ծայրերը ես փաթաթեցի մկան կաշիով, որպեսզի զարկելու ժամանակ չվնասեմ կլավիշներն ու չխանգարեմ նվագը։ Սպինետի առաջ, չորս ոտնաչափ ցածր, մի նստարան էր դրած, որի վրա դրին ինձ։ Ես սկսեցի արագ֊արագ այդ նստարանի վրա ետ ու առաջ վազել, ձեռքիս գավազաններով զարկելով հարկավոր կլավիշներին և այդպիսով նվագել մի պարի եղանակ, պատճառելով թագավորին ու թագուհուն խոշոր բավականություն։ Սակայն դա մինչև օրս ունեցած ամենադժվար մարմնամարզություններիցս մեկն էր․ և, չնայած դրան, ես ավելի քան տասնվեց կլավիշի չէի կարողանում զարկել ու հետևապես միանգամից չէի կարողանում նվագել բասի և դիսկանտի կլավիշների վրա, ինչպես անում են ուրիշ արտիստները, որից խիստ վնասվում էր եղանակի ներդաշնակությունը։
Թագավորը, որ, ինչպես առաջ հիշեցի, մեծ խելքի տեր արքա էր, հաճախ հրամայում էր, որ ինձ արկղի հետ բերեն ու դնեն իր կաբինետի սեղանի վրա։ Ապա հրամայում էր ինձ, որ աթոռներից մեկը արկղից հանեմ, և նստեցնում էր ինձ երեք յարդ հեռավորության պահարանի գլխին, համարյա իր երեսի դեմուդեմ։ Այս դիրքով ես նրա հետ շատ անգամ եմ զրուցել։ Մի օր ես համարձակվեցի նորին մեծության ասել, թե Եվրոպայի և աշխարհի մյուս մասի հանդեպ նրա ունեցած արհամարանքը չի համապատասխանում իր մտքի վսեմ ունակություներին․ որ այդ ունակությունների ծավալը զուգնդաց չէ մարմնի զանգվածին․ ընդհակառակը, մեր երկրում նկատված է, որ բարձրահասակ մարդիկ սովորաբար ավելի քիչ են օժտված այդ առավելությամբ․ որ մյուս կենդանիների մեջ մրջյուններն ու մեղուները ժրաջանության, ճարտարության ու խելացիության ավելի մեծ համբավ ունեն, քան խոշոր կենդանիներից շատերը, և որքան էլ ես չնչին երևամ նրան, այնուամենայնիվ հույս ունեմ, որ մի օր կարող եմ նորին մեծությանը մատուցել որևէ նշանավոր ծառայություն։ Թագավորն ուշադրությամբ լսեց և ապա սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ մասին, քան առաջ։ Նա ցանկություն հայտնեց, որ ես կարողացածի չափ ճշգրիտ տեղեկություններ տամ նրան անգլիական կառավարության մասին, որովհետև, որքան էլ միապետները սիրահար լինեն իրենց սեփական երկրի սովորություններին (այդ եզրակացության էի եկել մյուս միապետների մասին՝ իմ նախկին զրույցներից հետո), նա երջանիկ կլինի, եթե լսի ընդօրինակության արժանի բաներ։
Ադմին, Վստահելի
1876
edits