«Հավերժի ճամփորդը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «Category: Արձակ {{Վերնագիր |վերնագիր = Հավերժի ճամփորդը |հեղինակ =Գևորգ Էմին |աղբյուր = «Հավերժի ճ...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 17:54, 25 Մայիսի 2014-ի դրությամբ
հեղինակ՝ Գևորգ Էմին |
Եթե ես երաժիշտ ու երգահան լինեի, Հայաստանին ու հայ ժողովրդին ձոնված մի փառահեղ պատարագ կամ սիմֆոնիա կգրեի՝ նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների համար։
Մի թավ ձայն,— հայ ժողովրդի ձայնը,— կպատմեր իր ու իր երկրի մասին։ Նվագախումբը հայ ժողովրդի դարավոր մեղեդիների ոգով ու ոճով կնվագակցեր նրան, իսկ երգչախումբը իր երգով ոչ միայն կվերծաներ ու կճոխացներ նրա ասածը, այլև ծերունու, երիտասարդի, կնոջ ու մանկան ձայներով հարցեր կտար նրան, փորձելով լրիվ ըմբռնել նրա խոսքերի իմաստը։
Ահա դարերի խորքից, պատերազմներից ու ասպատակումներից ավերված ճամփաներով, հրի ու սրի միջով, դեպի մեզ է գալիս մի հոգնած, վիրավոր, բայց համառ ու տոկուն ճամփորդ։
Ինչքան ավելի է նա մեզ մոտենում, այնքան ավելի շիտակ է դառնում նրա կեցվածքը, տեսքն՝ այնքան վայելուչ ու խրոխտ։ Կոտորածի ու գաղթի, թալանի ու հրդեհի, լացի ու կոծի փոխարեն խաղաղ կյանքի ու աշխատանքի կանչեր են լսվում, և նրա ավեր ու ավար ճամփին շատանում են կոթողներն ու շենքերը, երգն ու ծիծաղը։
— Ո՞Վ ԵՍ ԴՈՒ, ՃԱՄՓՈՐԴ,— կհարցներ նրան երգչախումբ֊ամբոխի միջից ծերունու մի ձայն։
Բայց ճամփորդն իսկույն չէր ասի, թե ինքը Հայաստանն է, հայ ժողովուրդը։
Այդպես հետաքրքիր չէր լինի, և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։
Նա ուշադիր կնայեր հարց տվող ծերունուն, կլսեր նվագախմբի ու երգչախմբի մեղմացած ձայներն ու կասեր.—
«Ես նա եմ, ում տանջանքը տասնյակ դարերով է չափվում, իսկ կյանքը՝ տասնյակ տարիներով միայն...
Նա, ով դարեր շարունակ տառապել է պատերազմներից ու նախճիրներից և նոր է միայն զգում խաղաղ կյանքի քաղցրությունն ու հմայքը։
Այն արդար ցորենի արտն եմ ես, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուձիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, և որից փրկված մի բուռ ցորենը հասել է գալիքի ցանքին և շռայլ բերք է տալիս...
Խաղողի այն համառ ու տոկուն որթն եմ ես, որի արմատները հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում֊հասունանում վաղվա արևի շողից...
Ես՝ ինքը կյանքն եմ, հարատևումը, անմահությունը...
Ես նա՛ եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի...
Ի՜նչ կարող էին ինձ անել իմ անհամար դահիճները, երբ նրանք ընդամենը... սպանել գիտեին, իսկ ես գիտեի ապրելու և հարատևելու աստվածային գաղտնիքը... Նրանց զենքը տեգն ու յաթաղանն էր, իսկ իմը՝ մուրճն ու գրիչը... իսկ ի՜նչ կարող է անել ամենից զորեղ տեգը՝ մուրճի առաջ, և ամենասուր յաթաղանը՝ գրչի դեմ...
Իմ դահիճները,— որքան էլ բազմաթիվ,— հոգնո՜ւմ էին սպանելուց ու ավերելուց, իսկ իմ՝ կառուցելու և ստեղծելու տենչը զորանում էր օրեցօր ու ժամ առ ժամ...»։
... Այսպես կասեր թավ ձայնը, և ունկնդիրներին կթվար, թե նա ինչ֊որ տեղից ծանոթ է իրենց, բայց նրանք դեռ չէին ճանաչի ճամփորդին, և երիտասարդի մի ձայն նորից հարց կտար.—
— Ո՞ՐՆ Է ՔՈ ԵՐԿԻՐԸ, ՃԱՄՓՈՐԴ...
Բայց ճամփորդն իսկույն չէր ասի, թե իր երկիրը Հայաստանն է. այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։
Նա ուշադիր կնայեր հարց տվող երիտասարդին, կլսեր նվագախմբի ու երգչախմբի խռովահույզ ձայներն ու կասեր.—
«Իմ երկիրն այն է, որ գտնվել է Բիբլիական Արարատ լեռան ստորոտում, առասպելական դրախտի տեղում, և որտեղ կյանքը դարերով դժոխքի էր նման...
Այն երկիրը, որտեղ դարեր շարունակ պատերազմ ու աղետ է ներմուծվել և արտահանվել որբ ու գաղթական, ներմուծվել ոճիր ու խավար՝ լույս ու հանճար արտահանվելով, և գազանություն ու բռնություն ներմուծվելով՝ բարություն և ազատության տենչ արտահանվել...
Քարաշատ այն երկիրը, որտեղ քարե տուն ուներ միայն Հիսուսը, և որը հաճախ չէր կարողանում մի կտոր քար դնել իր ամենից սիրելի զավակների շիրիմներին...
Իմ երկիրն այն է, որտեղ գետերը դարեր շարունակ իրենց բաշը ժայռերին են խփել, անգործությունից գազազել ու պղտորվել՝ ծարավ թողնելով մի քայլ հեռու ընկած հողերը, և նո՜ր են միայն լույս ու կանաչ դառնում...
Այն երկիրը, որի հողը դարեր շարունակ ոռոգվել է դառը քրտինքով և նոր է միայն մարդուն տալիս դարերով կուտակած իր քաղցրությունը...
Առասպելական Վահագնի պես եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը, որը դարերով տառապել է պատերազմների չար կրակներից և նոր է միայն ջերմանում գործարանների ու հնոցների բարի հուրերից...
Հնոց մագաղաթների ու գրքերի այն երկիրը, որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին...
Այն երկիրը, որի, սկզբում լեռների մեջ կորած, իսկ ապա՝ օտար ափերում կռունկի պես թևածող երգը հիմա հասնում է արար աշխարհին...»։
Այսպես կասեր թավ ձայնը, կպատմեր իր մասին ջութակների, շեփորների ու թմբուկների նվագակցությամբ, և երգչախումբ֊ամբոխը կլսեր նրան ու կմտածեր՝ «գուցե Հայաստա՞նն է սա, հայ ժողովո՞ւրդը...»։
Բայց նա դեռ համոզված չէր լինի, և մի կանացի ձայն նորից հարց կտար.—
— ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ, ՃԱՄՓՈՐԴ...
Բայց ճամփորդն անմիջապես չէր ասի, թե որտեղից է ինքը գալիս և ինչ է տեսել իր դարավոր ճամփին։
Այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։
Նա կժպտար, կօրորեր գլուխը, կնայեր հարց տվող կնոջը և, նվագախմբի ու երգչախմբի հանդիսավոր հնչյունների տակ, կասեր.—
— Հայասա երկրից եմ ես գալիս, որն ինձ պատգամեց, թե «ինքդ քեզ հա՛յ ասա», և որը մարդկության հնագույն օրրաններից մեկն է աշխարհում...
Նաիրի երկրից եմ ես գալիս, անսանձ գետերի ինքնիշխան երկրից, և Բիայնա երկրից, որտեղ բերդեր էի կառուցում և փորագրում Երևանի ծննդյան սեպագիր վկայականը...
Ծուինիայից՝ Սևանա լճից եմ գալիս, որտեղ Արգիշտի արքայի խնջույքների համար որսում էի այն արքայական ձուկը, որի վրա, հենց էն գլխից, իմ ցեղի արյան հետքերը կային...
Տիգրանակերտից եմ գալիս, որտեղ ամուր դրի երեք ծովի ջրերով ողողվող իմ հզոր պետության գահը և Արտաշատից,— «Հայոց Կարթագենից»,— որտեղ մի օր բեմ դուրս բերի հռոմեացի գոռոզ զորավար Մարկոս Կրասոսի կտրված գլուխը։
Ավարայրից եմ ես գալիս, որտեղ իմ թեթև հեծելազորը թեև տրորվեց պարսկական ծանր փղերի տակ, սակայն բռնակալ Հազկերտն իր հողը քաշվեց՝ սարսափած իմ ապրելու և տևելու զորեղ հավատից...
Սասնա բանձրիկ սարերից եմ գալիս, որտեղ, հույսս կտրած և՛ թագավորից, և՛ աստծուց, ապավինեցի հեքիաթին ու հրաշքին՝ գառնարած Դավթի սրով դուրս քշելով իմ հողից Մըսրա անհամար զորքը։
Որտե՜ղ ասես, որ չեմ եղել ես և որտեղի՜ց ասես, որ չեմ գալիս... Արտաշատից մինչև Տիգրանակերտ և Վաղարշապատից մինչև Դվին ու Անի ես դար ու դարեր ազատամարտ եմ մղել հռոմեացու և պարսիկի, բյուզանդացու և արաբի, սելջուկի ու մոնղոլի, թաթարի ու թուրքի դեմ, հանուն իմ՝ մի թիզ դարձած հողի ու մի բուռ մնացած ժողովրդի գոյության...
Անի մայր քաղաքից եմ ես գալիս,— գերված ու ավեր Անիից, որը հարություն է առնում Նոր Երևանի կոթողների մեջ։
Կապույտ ծովի ալիքներով ողողված չքնաղ Կիլիկիայից եմ ես գալիս, որտեղ մի օր, ավա՜ղ, դագաղ դրին իմ անկախության վերջին հույսը...
Սյունիքի բարձր ու անառիկ լեռներից եմ ես գալիս, որտեղ, ահեղ հողմերի խաչմերուկում, անմա՜ր եմ պահել իմ պետականության անթեղը, և Սարդարի բերդից, որտեղ եղբայրացան հայոց սուրն ու ռուսաց թնդանոթը...
Պարսից հարկահաններից փրկված գյուղերից ու քաղաքներից եմ գալիս և Սուլթանի լծի տակ հեծող գյուղերից ու քաղաքներից, որտեղ ամեն Զեյթուն՝ պայթյո՜ւն էր և ամեն Սասուն՝ ցասո՜ւմ..
Տեր֊Զորից եմ ես գալիս, Մեսքենեից ու Ռաս֊ուլ֊այնից, որտեղ խոշտանգեցին ինձ, բայց ես չմեռա, ջարդեցին մեջքս, բայց ես նորից շտկվեցի, սպանեցին ինձ, բայց ես վերստին հարություն առա...
Մուշից եմ գալիս և Շատախից, Անդոկ սարից ու Վանա այգեստանից, Ուրֆայից ու Շապին֊Գարահիսարից, Հաճընից ու Մուսա լեռան կատարից, որտեղ զենքը ձեռքիս պաշտպանել եմ իմ տան պատիվը, իսկ ապա, ավա՜ղ, ցուպը ձեռքիս ցրվել աշխարհով մեկ...
Սարդարապատից եմ ես գալիս, որը նոր Ավարա՛յր դարձավ ինձ համար և որտեղ ես, թեև արյունաքամ, կասեցրի թուրք դահիճների զավթարշավը և իմ սեփական հողում մի թիզ հող նվաճեցի մի բուռ որբերիս ու գաղթականներիս համար...
Ղափանի ու Ալավերդու հանքերից եմ գալիս, Ալեքպոլի կայարանից ու Երևանի այգիներից, որտեղ ընդվզել եմ հանուն Հեղափոխության և հանուն նոր կյանքի...
Հրազդանի ձորից եմ գալիս, որտեղ առաջին անգամ բաբախեց նոր Հայաստանի էլեկտրական սիրտը, և Շիրակի ջրանցքի ափից, որն իր մի բուռ ջրով ոռոգում էր իմ վերածնության դեռ մատղաշ շիվը...
Արագածի լանջերից եմ գալիս, որտեղից մի օր սանձեցի տիեզերական ճառագայթների կապույտ նժույգը, և Բյուրականից, որտեղ զրույցի եմ նստում հեռավոր մոլորակների ու աստղերի հետ...
Երևանից եմ ես գալիս, դարավոր ու նոր Երևանից, որն իմ նոր Տիգրանակերտն է, Արտաշատը, Դվինը, Անին ու Սիսը միաժամանակ, և որը սուրբ ուխտավայր է դարձել աշխարհում ցրված բոլոր հայ պանդուխտների համար...»։
... Եվ կլսի այս ամենը երգչախումբ֊ամբոխը, կլսի, կհպարտանա ու կզարմանա...
«Ո՞վ է, վերջապես, այս զարմանալի ճամփորդը»,— կմտածի նա, և մանկական զվարթ մի ձայն երգչախմբի միջից հարց կտա.—
— ԲԱՅՑ ՄԻ՞ԹԵ ԴՈՒ ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՍ, Ի՞ՆՉ Է ՔՈ ԱՆՈՒՆԸ, ՃԱՄՓՈՐԴ...
Բայց ճամփորդն իսկույն չի տա իր անունը. նա չի ասի, թե ինքը Հայաստանն է, հայ ժողովուրդը։
Այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի...
Նա ուշադիր կնայի հարց տվող մանկանը, կլսի շեփորների ու ջութակների, թմբուկների ու ծնծղաների հզորացող ձայները, կվերհիշի իր ամբողջ կյանքն ու անցած ուղին և հպարտ կասի.
— Իմ անո՞ւնը... Բայց մի՞թե մի անուն ունեմ ես, և կարո՞ղ էի միայն մի անուն ունենալ, երբ ապրել եմ բոլոր դարերում, աշխարհի բոլոր ծայրերում և եղել եմ ռամիկ ու իշխան, մոլեռանդ ու աղանդավոր, զորավար ու որմնադիր, ճարտարապետ ու պատմիչ, ծաղկող ու գրիչ...
Հայկ է իմ անունը. Հայկ դյուցազունն եմ ես, որը նախընտրեց թողնել բերրի հողն ու դրախտը և ապրել դժոխքում ու չոր ժայռերի վրա, միայն թե ինքնիշխան լիներ և ազատ՝ բռնակալ Բելի լծից...
Ես էի, որ կտակեցի իմ ազատատենչ ոգին իմ ժողովրդին, մկրտելով այս երկիրն ու ժողովուրդն իմ անվամբ՝ Հայկ, Հայ, Հայաստան...
Արա է իմ անունը... Զարթոնքի ու Գարնան, մեռնող ու վերստին հարություն առնող բնության Ոգին ու Աստվածն եմ ես,— խորհրդանիշը իմ՝ անընդհատ մեռնող, բայց միշտ հարություն առնող ժողովրդի...
Տիգրանն եմ ես, մեծ Տիգրանը,— ամենից զորեղ սուրը հայոց երկրի, որի անագորույն ճակատագիրն, ավա՜ղ, յոթն անգամ ավելի զորեղ էր իմ սրից...
Ես Մեսրոպ Մաշտոցն եմ... Գիշատվա՜ծ էր իմ հայրենիքը նենգ Բյուզանդիոնի և գոռոզ Պարսկաստանի միջև, և նրան չէր փրկի ոչ Տիգրան Մեծի սուրը և ոչ էլ Գրիգոր Լուսավորչի խաչն ու կանթեղը, քանի դեռ մենք չէինք դրոշմել մեր անունն այս հողի վրա հայոց լեզվով ու հայերեն տառերով...
Երեսունվեց տառ եմ ես ձեզ կտակում և մի համառ ժողովուրդ ու երկիր, որին մահ չկա՝ քանի դեռ նա հեգո՜ւմ է այդ տառերը...
Վարդան զորավարն եմ ես, քաջ Վարդանը։ Ես էի, որ մահով հաղթեցի մահին,— իմ մահով՝ իմ ժողովրդի մահին,— անմահ երգ ու զրույց դառնալով հայ ժողովրդի երախտապարտ սրտում...
Խորենացին եմ ես։ Ես էի, որ հայոց պատմության անհուշ ժամանակներից եկող վարարած գետը դրեցի հունի մեջ, որպեսզի նա հավե՜րժ հոսի և հավե՜րժ խոսի մեր փոքրաթիվ ժողովրդի մեծ սխրանքների մասին...
Ես Անանիա Շիրակացին եմ։ Ես էի, որ առաջինը ցույց տվի իմ ժողովրդին աշխարհի քարտեզը և Հայաստանի տեղն՝ աշխարհի քարտեզի վրա։
Դավիթ Անհաղթն եմ ես, Դավիթ֊Եռամեծարը.— առաջին հայ փիլիսոփան, որը հայերեն էր խոսում ու վիճում Արիստոտելի ու Պորփյուրոսի հետ, դնելով հայոց փիլիսոփայության հիմքն ու սահմանը...
Տրդատ է իմ անունը, Մանվել ու Հովնան... Հայոց քարե կոթողների ու հուշարձանների ճարտարապետն ու շինարարն եմ ես...
Ինչքան էլ ծանր ու ամուր, բայց կարո՞ղ էին կանգուն մնալ իմ Գառնին ու Զվարթնոցը, իմ Ախթամարն ու Տեկորը, երբ հայոց հողն անդադար ցնցվում էր արհավիրքներից... Սակայն, ավերվա՛ծ անգամ, նրանք մեր քարե ստորագրությունն ու կնիքն են այս հողի վրա, որն անհնար է ջնջել կամ քերել...
Սասունցի Դավիթն եմ ես, իջած հեքիաթից, բայց ավելի՛ իրական, քան հայոց պատմության ամենից իրական ու վավերական հերոսները... Ինձ է ապավինել ժողովուրդը, երբ լցվել է նրա համբերության թասը, և ես էի, որ Քուռկիկ Ջալալու մի ոստյունով, իններորդ դարից ու Սասնա լեռներից թռա ու հասա նոր Երևանի դարպասներին...
Ես Սմբատն եմ, աղանդավոր Սմբատ Զարեհավանցին։ Երբ Ազատն Աստված սոսկ կրոն դարձավ, իսկ հավատը՝ միայն եկեղեցի,— ե՛ս էի, որ հանդգնեցի սուր բարձրացնել այն խաչի դեմ, որը վերստին խաչափա՜յտ էր դարձել Հիսուսի պես չարչարվող հայ ռամիկի համար...
Ես էի, որ Տաթևի բարձր ժայռից վա՜ր նետեցի սուրբ մյուռոնի կաթսան այնպիսի շռնդյունով, որի արձագանքները Ցուրա բերդից մինչև Բուլղարիա հասան և մինչև Մարտին Լութերի խուցը...
Նարեկացին եմ ես, հայոց լեռներից ժայթքած բանաստեղծական այն ամեհի հրաբուխը, որի դղրդոցը դարեր է սասանում...
Ես չափեցի երկնքի ամենից բարձր ոլորտն ու մարդկային սրտի ամենից խոր անդունդը և հասկացա, որ մարդն է ստեղծել Աստծուն և ոչ թե Աստված՝ մարդուն, թեև երկնչո՜ւմ էի Աստծո զորությունից։
Ֆրիկ է իմ անունը։ Ես էի, որ «Գանգատ» գրեցի ոչ միայն Աստծո, այլև նրա անունով սրբագործված այն աշխարհի դեմ, որտեղ կա տեր ու ծառա, ռամիկ ու մեծատուն...
Դպիրները, գաղտնի, վանքից վանք էին գնում իմ «Գանգատը» կարդալու համար, և գրիչները ահով բազմացնում էին իմ տողերը «Ճառընտիրների» լուսանցքներում... Գեղարդի վիմափոր Գալձագն եմ ես, որին քարե զնդան էին նետել Ազատ գետի ափին և որն Ազատության բրիչով Ճորտության ժայռից հրա՜շք կերտեց...
Վանքի ավազանի չափ արցունք կար իմ հոգում և Գեղարդի ժայռերից էլ ծանր տառապանք ու ցավ...
Աշխարհիկ տաղերգուների այն աստղաբույլն եմ ես, որը լուսավորեց միջնադարի մռայլ երկնակամարը...
Ես էի, որ խաչելության փայտի տեղ կյանքի կանաչ ծառը երգեցի, խնկի տեղ՝ գարնան ծաղիկների բույրը, իսկ բուրվառի ծխի տեղ՝ խնճույքն ու խրախճանքը կանաչ խոտի վրա...
Մխիթար Հերացի բժիշկն եմ ես... Ես էի, որ շրջում էի ավերված ու ավարված Հայաստանի գյուղերում ու ոստաններում և կռվում մահտարաժամի դեմ, որ հնձում էր ժողովրդին...
Ես էի, որ գեղջուկ բարբառով գրեցի «Ջերմանց մխիթարություն» մատյանը, որ մխիթարեմ բժիշկներին գիտությամբ, իսկ տկարներին՝ առողջությամբ...
Երիտասարդ ու ծեր այն գրիչն եմ ես, որը վանքի խցի խավարում, մոմի լույսի տակ, հատիկ֊հատիկ տառերով ձեռագիր մատյաններ եմ արտագրել ու հիշատակարաններ գրել իմ ծանր ու դժնի ժամանակի մասին...
«Ձեռըս գնա՛, գիրըս մնա՛»,— մխիթարում էի ես ինձ իմ նեղ օրերին, և թեև գնա՜ց ու մոխի՜ր դարձավ իմ ձեռքը, բայց գիրըս մնաց ու հասավ նոր Երևանի մատենադարան...
Թորոս Ռոսլինն եմ ես և Ծերուն Ծաղկողը, Սարգիս Պիծակն ու այն անհայտ հայ մանրանկարիչը, որ հայոց լեռներն ու դաշտերն ընկած, պտղունց առ պտղունց հավաքել է հայոց հողի որդան կարմիրն ու ցորյանի ձույլ ոսկին, հայոց երկնքի կապույտն ու արտերի կանաչը, լցնելով այդ ամենն իր ներկերի մեջ և զարմա՜նք պատճառելով գալոց սերունդներին...
Ուշադիր նայեք մեր նկարած Քրիստոսներին ու Աստվածամայրերին, որովհետև նրանց մեջ մեր օրերի նահատակների դեմքերը կան և մեր գաղտնի սերերը...
Ներսես Շնորհալին եմ ես, որ, Անիի վիշտն իմ սրտում, ողբում էի Եդեսիո անկումը արաբական կրկնվող հանգով և հայկական, ավա՜ղ, մի՛շտ կրկնվող տառապանքով...
Նահապետ Քուչակն եմ ես, որը հայերեն էր ասում իր ճարտար տաղը ճերմակածոց հայ հարսի ու նրա պանդուխտ յարի մասին... Ընդամենը չորս տող, կամ մի «տուն» էին իմ հայրենները... Բայց «հայրենի» այդ մի «տունը» պատսպարում էր անհայրենիք պանդուխտին, իսկ «Անտունին»՝ անտուններին...
Իսրայել Օրին եմ ես, որ Ղարաբաղի ըմբոստ ոգին Պետերբուրգ հասցրի, և Հովսեփ Էմինը, որ հայերի ձեռքը խաչի տեղ սուր դրեցի՝ հանուն Հայաստանի փրկության...
Սայաթ֊Նովան եմ ես։ Ես քաջ գիտեի չորս լեզու՝ հայերեն, վրացերեն, պարսկերեն ու թուրքերեն, և էլի մի լեզու՝ երգի անմահ լեզուն, որով կամ ու կլինեմ դարեդար...
Աբովյան է իմ ազգը, անունըս՝ Խաչատուր... Ես էի, որ Մասյաց գագաթից տեսա իմ երկրի խավարն ու Հյուսիսից ծագող փրկության լույսը, Հայաստանի վերքը երգ դարձրի և այդ աղջամուղջում անհետ կորա, որպեսզի չկորչի իմ քաջ Աղասու ցեղը...
Ես Միքայել Նալբանդյանն եմ... Ազատությունն է այն միակ, ճշմարիտ կրոնը, որին արժե հավատալ և հանուն որի ես տառապեցի ու մարտիրոսացա...
Րաֆֆին եմ ես.— Սուլթանի լծի տակ հեծող իմ հայ եղբայրների ազատագրության մարտիկն ու մարգարեն... Իմ ցանած «Կայծեր»֊ից բռնկվեց ազգային֊ազատագրական պայքարի այն ամեհի հրդեհը, որն, ավա՜ղ, հանգցրին եղեռնի արյունով...
Կոմիտասն եմ ես.— Հայոց երգի տաճարի հավերժական զանգահարը... Ես էի, որ մաքրեցի հայոց երգի մշտակարկաչ առուն օտար տիղմից ու պղտորությունից և նրա կարկաչը լսելի դարձրի արար աշխարհում...
Դանիել Վարուժանն եմ ես ու Սիամանթոն.— Ես երգեցի հայոց «Հեթանոս երգերն» ու «Հացին երգը», հայոց եղեռնի սարսափներն ու հայրենի տան մի բուռ մոխիրը, և թեև զոհվեցի թուրք դահիճների ձեռքով, բայց մահից առաջ լսեցի իմ հողին ու ժողովրդին հասնող «Կարմիր լուրերը»։
Զորավար Անդրանիկն եմ ես.— Դարեր շարունակ տառապած իմ ժողովրդի վրիժառու ոգին, որն արծվի նման սավառնում է հայոց լեռների վրա... Թեև, դառնացած ու հուսահատ, ես թողի իմ հայրենի հողը, բայց այնտեղ է իմ սուրը, որի ցոլքի՜ց անգամ սարսափում են մեր ոսոխները...
Ստեփան Շահումյանն եմ ես, Լենինի զինակիցն ու բարեկամը... Ես էի, որ Հոկտեմբերի խարույկից վառած ջահով լուսավորեցի Բաքուն ու Անդրկովկասը, մահից առաջ, Ախչա֊Կույմայի անապատում լսելով նոր Հայաստանի ջրանցքների կարկաչյունը...
Թումանյանն եմ ես, Լոռու բարձրաբերձ լեռների ու հայոց վշտի խոր անդունդների երգիչը... Այդ ես չէի գրում,— իմ ձեռքով գրում էին հայոց լեռներն ու ձորերը, վիշտն ու հավատը... Հայ ժողովուրդն էր գրում իմ ձեռքով իր դարեր ասպատակված քարավանի մասին, որն անհատնելի գանձեր է բերում դարերի խորքից...
Ես Վահան Տերյանն եմ,— մեծ քաղաքի երգիչն եմ ես, աշնան ու տրտմության երգիչը։ Իմ կյանքի ու երգի ուղին աշնան տերևաթափ ծառուղու էր նման,— տրտո՜ւմ մի ծառուղու, որը, սակայն, ինձ դեպի Սմոլնի տարավ, դեպի Հոկտեմբերի կարմիր, արյունաբո՜րբ դրոշի փառաբանումը։
Չարենցն եմ ես՝ Հեղափոխության մրրկաշունչ Նարեկացին։ Ես էի, որ փառաբանեցի Հոկտեմբերի համար մարտնչող «Խելագարված ամբոխներին», նրանց ոտնաձայնի մեջ որսալով գալիք տիեզերանավերի ռադիոազդանշանները...
Ալեքսանդր Թամանյանն եմ ես՝ երջանկագո՜ւյնը ճարտարապետների մեջ, որն ապրեց մի երկրում, որտեղ կառուցում էր մի ամբողջ ժողովուրդ... Ես էի, որ երջանիկ մի օր նախագծեցի իմ շինարար ժողովրդի դարավոր երազը՝ նոր Երևանը, որի նմանը նա չէր ունեցել երբևէ...
Իսահակյանն եմ ես... Ես սիրում էի իմ հայրենի հողը, բայց նա ինձ համար երջանիկ հայրենիք չդարձավ, որովհետև գեղեցիկ էին նրա լեռներն ու ձորերը, իսկ նրա որդիները տառապում էին արյան ծովի մեջ... Աբու֊Լալայի քարավանն առած, ես հեռացա իմ հայրենիքից և երկար թափառեցի օտար ափերում, մինչև Հայաստանի վերածնության զանգերն ինձ տուն կանչեցին, և ես հավերժական հանգիստ գտա հայրենի հողում...
Ինձ Մարտիրոս Սարյան են կոչում... Միջնադարյան ծաղկողների պտղունց առ պտղունց հավաքած որդան կարմիրն ու ոսկին, կապույտն ու կանաչն ինձ հասան... Ես էի, որ համաշխարհային նկարչության քարտեզի վրա նշեցի Հայաստան երկրի որոշակի տեղն ու անխախտ սահմանները...
Վահրամ Փափազյանն եմ ես... Աշխարհի ո՞ր բեմում ասես, որ չի՜ մոլեգնել իմ Օթելլոն և ի՛նչ ազգի Դեզդեմոնա ասես, որ չի՜ թպրտացել իմ բազուկներում... Եվ, սակայն, այդ բոլոր բեմերում ես տենչում էի ՄԵՐԸ, և անգթորեն «խեղդում» այլազգի բազում դեզդեմոնաներին, հայ բեմում հայ Դեզդեմոնա գրկելու մոլեգին կարոտից...
Աստղագետ Վիկտոր Համբարձումյանն եմ ես... Փո՜քր է հայոց երկիրը, բայց նրա սահմանը Բյուրականից մինչև աստղերն է հասնում և ինձ հետ «Դու»֊ով են խոսում հեռավոր Աստղասփյուռներն ու Ծիրկաթինները...
Զորավար Բաղրամյանն եմ ես և Հայաստանի չոր քարերից ծնված ծովակալ Իսակովը... Եղեռնի ահավոր օրերին, երբ մեր ժողովուրդը խեղդամահ էր լինում արյան ծովում, ո՞վ նրան օգնության ձեռք մեկնեց և ո՞վ պիտի մեկներ... Իսկ երե՞կ, Հայրենական պատերազմի օրերի՞ն... Մի՞թե մենք չէինք նաև, ժողովուրդների մեծ ընտանիքի հայ զավակներս, որ փրկեցինք ֆաշիստական կեռ խաչի վրա խաչված Եվրոպայի ազգերին ու ցեղերին։
Ես Արամ Խաչատրյանն եմ... Իմ ժողովրդի պարզ և արդար մեղեդիները հզոր սիմֆոնիայի վերածած ես հնչեցրի աշխարհով մեկ՝ արար աշխարհին պատմելով իմ դարավոր ու փառավոր երկրի վերածննդի մասին...
Ես այն գյուղացին եմ, որ մշակում է հայ ժողովրդի հասակակից ու բախտակից խաղողի որթը, որից քամած գինին դառն է մեր անցյալի տառապանքի նման և քաղցր՝ ինչպես մեր գալիքի հավատը...
Այն երիտասարդ հայ բանվորն ու մասնագետն եմ ես, որի ձեռքով պատրաստած գերճշգրիտ սարքերը հասնում են ոչ միայն աշխարհի հեռավոր ծայրերը, այլև՝ աստղերին ու լուսնին...
Այն թափառական պանդուխտն եմ ես, որը տուն է շինել ու կորցրել աշխարհի բոլոր երկրներում, և այստեղ, Արարատի ստորոտում կառուցում է իր հավերժ կանգուն տունը...
Սփյուռքի այն հայն եմ ես, որին տառապանքը սովորեցրել է հարատևելու և հայ մնալու գաղտնիքը, և որն այսօր պանդուխտ է, իսկ վաղը՝ նոր Հայաստանի քաղաքացի...
Այն գիտնականն եմ ես, որն էլեկտրոն է սանձում, ատոմից լույս քամում և մետաքսի նուրբ թելեր հանում նույնիսկ հայոց բիրտ քարերից...
Այն պատանի, խանդավառ բանաստեղծը, որն այսօր գրում է Հայաստանին նվիրված իր առաջին բանաստեղծությունը...
Այն աշակերտն եմ, որին այսօր, հազար վեցհարյուր տարի ճամփորդելուց հետո, հասել են Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը...
Այն երեխան եմ, որ հենց նո՛ր ծնվեց Երևանի ծննդատներից մեկում և որը դեռ չգիտի, որ այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ՝ եղել է իր համար և ի՛նքն է այդ ամենի ժառանգորդն ու շարունակողը...»։
Այսպես կասի թավ ձայնը, կոգևորվի և կոգևորի իր խոսքերով բոլորին, և նրա խոսքերից գոտեպնդված նվագախումբն ավելի ու ավելի բարձր կհընչի...
Եվ երբ բոլորը միաբերան հարց տան.—
— ԲԱՅՑ Ո՞Վ ԵՍ ԴՈՒ, ՎԵՐՋԱՊԵՍ, ՃԱՄՓՈՐԴ...
Նա, իր քառասուն դարերի տառապանքից հզորացած ձայնով կասի.—
«Հայաստանն եմ ես, հայ ժողովուրդն եմ ես, որ դար ու դարեր, միայնակ կամ գայլերով շրջապատված, այսօր ապրում եմ եղբայր ժողովուրդների համերաշխ ընտանիքում։
Հավերժի ճամփորդն եմ ես, որը, դարերի խորքից եկած, դեպի դարերն է գնում և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...