Changes

Հաղթական կամար - XIV գլուխ

Ավելացվել է 39 777 բայտ, 18:11, 20 Հուլիսի 2014
Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - XIII գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - XV գլուխ}} ...»:
{{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - XIII գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - XV գլուխ}}

Անդրե Դյուրանը անկեղծորեն վրդովված էր։

— Ձեզ հետ այլևս չի կարելի աշխատել,— հայտարարեց նա։

Ռավիկը ուսերը թոթվեց։ Նա Վեբերից իմացել էր, որ Դյուրանը վիրահատության համար տասը հազար ֆրանկ է ստանալու։ Եթե նախապես ինքը չպայմանավորվի նրա հետ հոնորարի մասին, ապա Դյուրանը նրան ընդամենը երկու հարյուր ֆրանկ կտա։ Այդպես նա արել էր նաև վերջին անգամ։

— Մինչև վիրահատությունը կես ժամ է մնացել։ Ես երբեք դա ձեզանից չէի սպասում, բժիշկ Ռավիկ։

— Ես նույնպես։

— Դուք գիտեք, որ միշտ կարող եք հենվել իմ մեծահոգության վրա։ Ես չեմ հասկանում, թե դուք հանկարծ ինչու այդքան գործնական դարձաք։ Ինձ համար վերին աստիճանի տհաճ է, այս րոպեին, երբ հիվանդը գիտե, որ իր կյանքը մեր ձեռքին է գտնվում, խոսել փողի մասին։

— Ես տհաճ ոչինչ չեմ տեսնում,— առարկեց Ռավիկը։

Դյուրանը սևեռված նայեց Ռավիկին։ Սպիտակ ու սրածայր մորուքով նրա կնճռոտ դեմքը արժանապատվություն ու վրդովմունք էր արտահայտում։ Նա ուղղեց իր ոսկյա ակնոցը։

— Իսկ դուք որքա՞ն նկատի ունեք,— հարցրեց նա դժկամորեն։

— Երկու հազար ֆրանկ։

— Ի՞նչ։— Դյուրանն այնպիսի մի տեսք ընդունեց, կարծես իրեն գնդակահարել էին, իսկ ինքը դեռ չէր հավատում։— Դա պարզապես ծիծաղելի է,— ասաց նա միանգամայն կտրուկ։

— Թող այդպես լինի,— ասաց Ռավիկը։— Դուք հեշտությամբ կարող եք մի ուրիշին գտնել։ Օրինակ, Բինոյին։ Նա սքանչելի վիրաբույժ է։

Ռավիկը ձեռքը մեկնեց իր վերարկուին։ Դյուրանը սևեռված նրան էր նայում։ Նրա արժանապատվությամբ շնչող դեմքին արտացոլվում էր մտքի լարված աշխատանքը։

— Սպասեք մի րոպե,— ասաց նա, երբ Ռավիկը շլյապան վերցրեց։— Դուք հո չե՞ք կարող ինձ այսպես լքել ու գնալ։ Ինչո՞ւ դուք այդ մասին ինձ երեկ չասացիք։

— Երեկ դուք քաղաքից դուրս էիք եկել, ես ձեզ չկարողացա տեսնել։

— Երկու հազար ֆրա՜նկ։ Դուք գիտեք, որ ես նույնիսկ չեմ էլ համարձակվի այդպիսի մի գումարի անուն տալ։ Հիվանդը իմ բարեկամն է, որից ես կարող եմ գանձել միայն իմ արած ծախսերը։

Անդրե Դյուրանը արտաքինով նման էր մանկական գրքերում պատկերվող տեր աստծուն։ Նա արդեն յոթանասուն տարեկան էր և բավական տանելի դիագնոստ։ Բայց որպես վիրաբույժ պետք է ասել, որ թույլ էր։ Այժմյան իր փայլուն պրակտիկայով Դյուրանը պարտական էր գլխավորապես իր նախկին ասիստենտ Բինոյին, որն ընդամենը երկու տարի առաջ էր հաջողեցրել վերջապես ինքնուրույնություն ձեռք բերել։ Այդ ժամանակից ի վեր Դյուրանը բարդ և դժվարին վիրահատությունների համար օգտագործում էր Ռավիկին։ Ռավիկը նուրբ վիրաբույժ էր, նա կտրվածքներն այնպիսի վարպետությամբ էր անում, որ սպիները գրեթե չէին երևում։ Դյուրանը բորդոյան գինիների գերազանց գիտակ էր, նրան հաճույքով էին հրավիրում բարձրաշխարհիկ ընդունելություններին, որտեղև նա ծանոթացել էր իր ապագա պացիենտների մեծամասնության հետ։

― Թե ես այդ կիմանա՜յի...— քթի տակ փնթփնթաց նա։

Սակայն դա միշտ նա իմացել էր։ Հենց դա էր պատճառը, որ յուրաքանչյուր մեծ և լուրջ վիրահատությունից առաջ նա միշտ մեկ կամ երկու օրով մեկնում էր քաղաքից դուրս գտնվող իր ամառանոցը։ Դա նրան հնարավորություն էր տալիս վիրահատությունից առաջ հոնորարի մասին որևէ նախնական պայմանավորվածությունից խուսափելու։ Մինչդեռ վիրահատությունից հետո այդ ամենը կարող էր տեղի ունենալ շատ հասարակ ձևով — նա հույս կհայտներ, որ հաջորդ անդամ դա նկատի կունենա — իսկ հաջորդ անդամ կկրկներ այն, ինչ առաջին անգամ էր ասել։ Այս անգամ, ի զարմանս Դյուրանի, Ռավիկը ներկայացավ ոչ թե վերջին րոպեին, այլ վիրահատությունից կես ժամ առաջ, անակնկալի բերելով իր պատրոնին։ Վիրահատվող հիվանդը դեռ քնեցված չէր, և բավական ժամանակ կար հարցը քննարկելու համար։ Այնպես որ Դյուրանը հիմա արդեն չէր կարող կարճ կապել, կամ խոսքը կտուրը գցել։

Դռան ճեղքից երևաց բուժքրոջ գլուխը։

— Նարկոզն արդեն կարելի՞ է տալ, պարոն պրոֆեսոր։

Դյուրանը նայեց բուժքրոջը և ապա աղերսանքով լցված ու մարդասիրաբար համակված հայացքը շրջեց դեպի Ռավիկը։ Ռավիկը նույնպես մարդասիրաբար նայեց Դյուրանին, բայց նրա մարդասիրական հայացքում կար նաև հաստատակամություն։

— Հը, ի՞նչ կարծիքի եք, բժիշկ Ռավիկ,— հարցրեց Դյուրանը։

— Հարցի լուծումը ձեզանից է կախված, պրոֆեսոր։

— Մի րոպե սպասեք, բուժքույր: Վիրահատության ընթացքը մեզ համար դեռ լրիվ պարզ չէ։

Բուժքույրը ետ քաշվեց, Դյուրանը դիմեց Ռավիկին։

— Հիմա ի՞նչ ենք անում,— հանդիմանանքով հարցրեց նա։

Ռավիկը ձեռքերը խրեց գրպանը։

— Վիրահատությունը հետաձգեք վաղը... կամ ևս մի ժամով և կանչեք Բինոյին։

Քսան տարի շարունակ Դյուրանի գրեթե բոլոր վիրահատությունները արել էր Բինոն։ Բայց, չնայած դրան, ինքը ոչնչի չէր հասել, քանի որ Դյուրանը սիստեմատիկ կերպով նրան զրկել էր սեփական պրակտիկայով զբաղվելու ամեն տեսակի հնարավորություններից, անվերջ հայտարարելով, որ նա ամենաշատը ձեռքի տակ աշխատող լավ օգնական է։ Բինոն ատելությամբ էր լցված Դյուրանի հանդեպ և այդ վիրահատության համար ամենաքիչը հինգ հազար ֆրանկ կպահանջեր։ Դա Ռավիկը լավ գիտեր։ Դա լավ գիտեր նաև ինքը Դյուրանը։

— Բժիշկ Ռավիկ,— ասաց Դյուրանը,— չի կարելի մեր մասնագիտությունը իջեցնել առևտրական վեճերի մակարդակի։

— Ես նույնպես այդ կարծիքին եմ։

— Ուրեմն, ինչո՞ւ չեք թույլ տալիս, որ ես ինքս որոշեմ հոնորարի հարցերը։ Չէ՞ որ մինչև հիմա դուք միշտ գոհ եք եղել։

— Երբեք,— ասաց Ռավիկը։

— Բայց այդ մասին դուք երբեք ինձ ոչինչ չեք ասել։

— Չեմ ասել, որովհետև ասելը ոչ մի իմաստ չէր կարող ունենալ։ Բացի դրանից, առաջ փողն ինձ այնքան էլ չէր հետաքրքրում։ Իսկ հիմա դա շատ կարևոր է։ Ես փողի կարիք ունեմ։

Բուժքույրը նորից ներս եկավ։

— Հիվանդը անհանգստանում է, պարոն պրոֆեսոր։

Դյուրանը հայացքը գցեց Ռավիկի երեսին։ Ռավիկն իր հերթին նույնպես նայեց Դյուրանին։ Դժվար է ֆրանսիացու ձեռքից փող հանելը, Ռավիկն այդ գիտեր։ Ավելի դժվար, քան հրեայի ձեռքից։ Հրեան տեսնում է ամբողջ առևտրական գործարքը, իսկ ֆրանսիացին՝ միայն այն փողը, որը պետք է վճարի։

— Եվս մի րոպե, բուժքույր,— ասաց Դյուրանը։— Ստուգեք զարկերակը, չափեք արյան ճնշումը և ջերմությունը։

— Բոլորն արդեն արված է։

— Ուրեմն, նարկոզն սկսեք։

Բուժքույրը գնաց։

— Դե լավ, թող այդպես լինի,— վճռականությամբ ասաց Դյուրանը։— Ես ձեզ կվճարեմ հազար։

— Երկու հազար,— ուղղեց նրան Ռավիկը։

Դյուրանը դա չէր էլ ուզում լսել։ Նա սկսեց ձգձգել իր ճերմակած սրածայր մորուքը։

— Լսեք, Ռավիկ,— ասաց նա արդեն տաքացած,— որպես էմիգրանտ, որն իրավունք չունի պրակտիկայով զբաղվելու...

— Ես իրավունք չունեմ նաև ձեզ մոտ վիրահատություն անելու,— հանգիստ տոնով վրա բերեց Ռավիկը։ Հիմա նա արդեն սպասում էր այն տրադիցիոն հայտարարությանը, թե ինքը պետք է շնորհակալ լինի իրեն ապաստանող երկրին։

Սակայն Դյուրանր այդ չասաց։ Նա տեսավ, որ ինքը ոչնչի չի հասնում, մինչդեռ ժամանակր անցնում է։

— Երկու հազար,— ասաց նա այնպիսի մի դառնությամբ, կարծես հենց այդ բառերի հետ նրա շուրթերից դուրս թռան այդ թղթադրամները։— Ես դա ստիպված եմ վճարելու իմ սեփական գրպանից։ Ես կարծում էի, թե դուք կմտաբերեք այն, ինչ ես ձեզ համար արել եմ։

Դյուրանն սպասում էր պատասխանի։ Տարօրինակ է, մտածեց Ռավիկը, թե արնախում մարդիկ ինչքան են սիրում բարոյախոսել։ Պատվավոր լեգեոնի ժապավենով այս ծեր խաբեբան ինձ հանդիմանում է, որ իբր թե ես իրեն օգտագործել եմ։ Եվ նույնիսկ իր ասածին հավատում է։

— Ուրեմն, երկու հազար,— ասաց վերջապես Դյուրանը։— Երկու հազար,— կրկնեց նա այնպես, կարծես դա նշանակում էր, «Արդեն վերջ ամեն ինչին։ Մնաք բարյավ հայրենիք, ամենավերին տեր, դալար ծնեբեկ, թմբլիկ կաքավներ, հին բարի «Սուրբ Էմիլիոն»։— Հը, հիմա արդեն կարո՞ղ եք սկսել։


Վիրահատվող հիվանդը կլոր չաղլիկ փոր ուներ և բարալիկ թևեր ու ոտքեր։ Ռավիկը պատահական իմացավ նրա ով լինելը։ Դա էմիգրանտների գործերը վարող Լևալ ազգանունով մի պաշտոնյա էր։ Վեբերը դա Ռավիկին պատմեց որպես ծիծաղելի մի անեկդոտ։ Լևալը մի մարդ էր, որին «Ինտերնացիոնալ» հյուրահոցում ճանաչում էր յուրաքանչյուր փախստական։

Ռավիկն արագ կատարեց առաջին կտրվածքը։ Լևալի մաշկը գրքի նման բացվեց Ռավիկի առաջ։ Նա իսկույն սեղմիչներ դրեց կտրվածքի եզրերին և սկսեց նայել իր կողմը դուրս թափվող դեղին ճարպին։

— Մենք սրան որպես ձրի հավելված մի քանի ֆունտ կթեթևացնենք։ Հետո ինքը նորից կլափի և կլրացնի,— ասաց նա Դյուրանին։

Դյուրանը չպատասխանեց։ Ռավիկը հեռացրեց ճարպաշերտը՝ որպեսզի մոտենա մկաններին։ Ահա նա այստեղ պառկած, փախստականների փոքրիկ աստվածը, մտածեց Ռավիկը։ Այս մարդը հարյուրավոր մարդկային ճակատագրեր է պահում իր ձեռքում, մտրակի նման չոր ու ճերմակ այս ձեռքում, որը հիմա անկենդան ընկած է կողքին։ Այս մարդն էր, որ Ֆրանսիայից արտաքսեց ծերունի պրոֆեսոր Մայերին, որն այլևս ուժ չունենալով մի անգամ ևս քայլելու տառապանքի ուղիներով, իր արտաքսման նախօրեին «Ինտերնացիոնալ» հյուրանոցի իր համարում լուռ կախվեց պահարանի մեջ։ Պահարանի մեջ, որովհետև ուրիշ ոչ մի տեղ կեռ չէր գտել։ Պրոֆեսորը սովից այնքան էր հյուծվել, որ պահարանի հագուստի համար փակցրած կեռիկը չէր պոկվել նրա ծանրության տակ: Աղախինը առավոտյան պահարանի մեջ շորերի մի փոքրիկ կույտ էր գտել և նրանց մեջ՝ պրոֆեսորի անկենդան մարմինը։ Եթե ահա այս ցմփորը թեկուզև մի աննշան գթասրտություն ունենար, պրոֆեսոր Մայերը դեռ կենդանի կլիներ։

— Սեղմիչ,— ասաց Ռավիկը։― Տամպոն:

Նա շարունակում էր կտրվածքը։ Վիրաբուժական սուր դանակի ճշգրտություն։ Ստույգ կտրվածքի որոշակի ու պարզ զգացում։ Որովայնի խոռոչ։ Սպիտակ օղակաորդերի նման փորոտիք։ Ահա նա, որ պառկած է այստեղ ճղած փորով ու իր բարոյական սկրզբունքներով։ Այո, նա մարդկայնորեն խղճում էր Մայերին, սակայն խղճահարությունից բացի նա ուներ նաև ինչ-որ մի ուրիշ զգացում, որն ինքը կոչում էր ազգային պարտքի գիտակցություն։ Միշտ գտնվում է մի վարագույր, որի հետև մարդիկ թաքնվում են։ Յուրաքանչյուր պետ իր պետն ունի։ Կարգադրություններ, ցուցմունքներ, հրամաններ, և ահա վերջապես, բազմագլուխ հրեշ Բարոյականությունը — Անհրաժեշտությունը — դաժան Իրականությունը — Պատասխանատվությունը և կամ որևէ կերպ, ինչպես որ կկոչեին։ Մի խոսքով, միշտ մի վարագույր է գտնվում, որի հետևում թաքնվում են և շրջանցում մարդկայնության ամենապարզ օրենքները:

Ահա լեղապարկը, կարմիր, բորբոքված, հիվանդ։ Այդ վիճակին նրան հասցրել են հարյուրավոր բաժին ռոսսինյան ֆիլեները։ Կաննի ձևով պատրաստած փորոտիքը, յուղալի սոուսով անտառակտցարները և վատ տրամադրությունը՝ հարյուրավոր լիտր բորդոյի հետ միասին: Ծերունի Մայերը նման հոգսեր չէր ունեցել։ Իսկ եթե մարդ հիմա բռնի ու կտրվածքը վատ անի՞, պահանջվածից ավելի լայն կտրի ու ավելի խո՞ր... Կհայտնվի՞ արդյոք մի շաբաթից հետո որևէ նոր, ավելի բարի և գթասիրտ պաշտոնյա հին թղթապանակների և ցեցի հոտ արձակող այն առանձնասենյակում, որտեղ սարսափից դողահար էմիգրանտները իրենց կյանքի և մահվան վճռին են սպասում։ Գուցե այդ նոր պաշտոնյան ավելի լավը լինի, բայց կարող է լինել նաև ավելի վատը։ Այս գիտակցությունը կորցրած վաթսուն տարեկան ծերուկը, որ պառկած է վիրաբուժական այս սեղանին, պայծառ լապտերների գրեթե կուրացուցիչ լույսերի տակ, անկասկած իրեն հումանիստ մարդ էր համարում։ Նա, ըստ երևույթին, հոգատար հայր էր, սիրող ամուսին... Բայց բավական է անցներ իր ծառայական առանձնասենյակի շեմքը, իսկույն դառնում էր բռնակալ, որի շուրթերից թափվում էին այնպիսի պատրաստի արտահայտություններ, ինչպիսիք են. «Վերջին հաշվով մենք չենք կարող...», կամ «Մենք ուր կհասնենք, եթե...))։ Մի՞թե Ֆրանսիան կքանդվեր, եթե Մայերը շարունակեր ուտել իր ամենօրյա աղքատիկ ճաշը... եթե այրի Ռոզենտալին թույլ տային առաջվա նման զբաղեցներ «Ինտերնացիոնալում» ծառայի համար նախատեսված խուցը և սպասեր բանտում տանջանքների մատնված որդուն... Եթե սպիտակեղենի խանութ պահող Շտալմանը, որը թոքախտով տառապում էր, վեց ամիս բանտ չնստեր՝ սահմանը գաղտնի անցնելու համար, և չմեռներ նոր արտաքսման նախօրյակին...

Բայց ոչ։ Կտրվածքը արված էր ճիշտ։ Ոչ շատ խոր և ոչ էլ լայն։ Աղելար։ Անոթակապ։ Ահա լեղապարկը։ Ռավիկը ցույց տվեց Դյուրանին։ Պայծառ լույսի տակ ճարպոտ լեղապարկը փայլփլում էր։ Ռավիկը պարկը նետեց դույլի մեջ։ Հետևյալը։ Ինչո՞ւ են Ֆրանսիայում ռեվերդենով կարում։ Սեղմիչը հանիր։ Վերից վար ճղած տաքուկ փոր մի պաշտոնյայի, որի տարեկան աշխատավարձը երեսունից քառասուն հազար ֆրանկ է։ Նա ինչպե՞ս կարող էր տասը հազար ֆրանկ վճարել վիրահատության համար։ Իսկ մնացածը որտեղի՞ց է գտել։ Այս ցմփորը մի ժամանակ նաև «քար» է խաղացել: Կարը ուղղակի անթերի է։ Շատ խնամքով արված։ Երկու հազար ֆրանկը մինչև հիմա դեռ դրոշմված է Դյուրանի երեսին, թեև այդ երեսը կիսով չափ թաքնված էր դիմակի տակ։ Այդ փողը նրա աչքերում էր։ Յուրաքանչյուր աչքում հազար ֆրանկ։ Սերը փչացնում է բնավորությունը։ Այլապես մի՞թե ես այդ ռանտիեին կահաբեկեի և կտատանեի նրա հավաար աշխարհի աստվածային կարգուկանոնի և շահագործման օրենքների հանդեպ։ Վաղը նա քաղցր-մեղցր ժպիտներով կնստի ցմփորի մահճակալի մոտ և շնորհակալության խոսքեր կընդունի նրանից իր աշխատանքի համար։ Զգույշ, մի սեղմիչ էլ։ Ցմփորը ժոանի և ինձ համար մի շաբաթվա կյանք է Անտիբում։ Լույսի մի շաբաթ ժամանակի մոխրային մրրիկների մեջ։ Ամպրոպից առաջ շողացող կապույտ երկնքի մի կտոր։ Իսկ հիմա ենթամաշկային շերտը։ Սքանչելի կար է... Երկու հազար ֆրանկանոց։ Ես պետք է մկրատը նույնպես կարեի փորում... որպես հիշատակ Մայերի մասին։ Լապտերների թշշացող սպիտակ լույս... Ինչո՞ւ են մարդու մտքերն այսքան խճճվում։ Ըստ երևույթին, թերթեր են։ Ռադիո։ Վախկոտների և ստախոսների անվերջանալի շաղակրատանքներ։ Բառերի ապակողմնորոշող հեղեղ։ Շփոթահար ուղեղներ։ Որոնք բաց են ամեն տեսակի դեմագոգիկ աղբ ու զիբիլի համար։ Մոռացել են իմացության քարթու հաց ծամելը։ Անատամ ուղեղներ։ Թուլամտություն։ Ըհը, սա էլ է պատրաստ։ Մնաց մաշկի կարելը։ Մի երկու շաբաթից հետո սա նորից կարող է Ֆրանսիայից արտաքսել դողդողացող փախստականներին։ Բայց ի՞նչ գիտես, մեկ էլ տեսար առանց լեղապարկի ավելի բարի դարձավ։ Եթե չմեռնի։ Ասենք, այսպիսիները մինչև ութսուն տարեկանը ապրում են, և այն էլ՝ հարգված, շրջապատված հպարտ թոռնիկներով... Վերջացավ։ Տարեք։

Ռավիկը ձեռքերից դուրս քաշեց ձեռնոցները ու հանեց դիմակը։ Բարձրաստիճան պաշտոնյան փափուկ և անաղմուկ անիվների վրա դուրս սահեց վիրաբուժական սենյակից։ Ռավիկը նրա հետևից նայեց։ Թե դու կիմանայի՜ր, Լևալ, մտածեց նա, որ քո բարձրալեգալ լեղապարկը կթույլատրի ինձ՝ անլեգալ փախստականիս մի քանի վերին աստիճանի անլեգալ օրեր անցկացնել Ռիվիե՜րայում...

Նա սկսեց ձեռքերը լվանալ։ Նրա կողքին Դյուրանը նույնպես դանդաղ ու մեթոդիկ լվանում էր իր ծերունական, արյան բարձր ճնշում ունեցող ձեռքերը։ Նա խնամքով ու հոգատարությամբ տրորում էր մատները համաչափորեն այնպես շարժելով ներքին ծնոտը, որ կարծես հացահատիկ աղալիս լիներ։ Ձեռքերի տրորելը վերջացնելու հետ միաժամանակ դադարում էր նաև ծնոտի ծամոցը։ Հենց որ նա նորից էր սկսում տրորել ձեռքերը, իսկույն վերսկսվում էր նաև ծնոտի շարժումը։ Դյուրանն այս անգամ ձեռքերը լվանում էր առանձնապես դանդաղ ու երկար։ Ըստ երևույթին, ուզում է, որքան կարելի է երկար ձգձգել երկու հազար ֆրանկից բաժանվելու պահը, մտածեց Ռավիկը։

— Էլ ինչո՞ւ եք սպասում,— փոքր-ինչ լռելուց հետո հարցրեց Դյուրանը։

— Սպասում եմ ձեր չեկին։

— Երբ հիվանդն ինձ վճարի, ես կուղարկեմ ձեր փողը։ Դա կլինի հիվանդին կլինիկայից դուրս գրելուց մի քանի շաբաթ հետո։

Դյուրանը սրբեց ձեոքերը։ Հետո վերցրեց օդեկոլոնի սրվակր, լցրեց ձեռքերին ու տրորեց։

― Ես կարծում եմ, որ այդքանը ինձ կվստահեք, ճի՞շտ է,— հարցրեց նա։

Խաբեբա, մտածեց Ռավիկը։ Ուզում է ինձանից ստորացման մի ավելորդ կաթիլ էլ դուրս կորզել։

— Բայց դուք ասում էիք, որ պացիենտը ձեր բարեկամն է և վճարելու է միայն կատարված ձախսերը։

— Այո... ծամծմելով պատասխանեց Դյուրանը։

— Դե այդտեղ ծախսերը միայն դեղորայքի, բինտ ու բամբակի արժեքն են և բուժքույրերի վարձը։ Չէ որ կլինիկան ձերն է։ Հաշվեք այդ բոլորը հարյուր ֆրանկ, որը կարող եք դուրս գալ և հետո տալ։

— Ծախսերը, բժիշկ Ռավիկ,— ասաց Դյուրանը, ուղղվելով,— դժբախտաբար, շատ ավելի մեծ են, քան ես ենթադրում էի։ Ձեզ հասանելիք երկու հազար ֆրանկը նույնպես այդ ծախսերի մեջ է մտնում։ Ես դա պետք է պացիենտի վրա հաշվեմ։— Նա հոտ քաշեց իր օդեկոլոնոտ ձեռքերից։— Այնպես որ, ինչպես տեսնում եք...

Դյուրանը Ժպտաց։ Նրա դեղնած ատամները խիստ հակապատկեր էին ստեղծում ձյունի պես սպիտակ մորուքի հետ։ Կարծես մեկը ձյան վրա միզած լինի, մտածեց Ռավիկը։ Միևնույն է, սա ինձ վճարելու է։ Վեբերը հոնորարի հաշվին ինձ փող կտա։ Ես այս ծեր այծին նորից խնդրելու հաճույք չեմ պատճառի։

— Թող այդպես լինի,— ասաց Ռավիկը։— Եթե դա այդքան դժվար է ձեզ համար, հետո ուղարկեք։

— Դա ամենևին էլ դժվար չէ։ Թեև ձեր պահանջը ինձ համար շատ անսպասելի էր։ Բայց ամեն բանում պետք է կարգ լինի։

— Շատ լավ, եկեք կարգով անենք։ Դա ոչնչով գործի էությունը չի փոխում։

— Ոչ, փոխում է։

— Արդյունքը մնում է նույնը,— ասաց Ռավիկը։— Իսկ այժմ, ներեցեք ինձ։ Ես հիմա կուզեի մի բաժակ օղի խմել։ Ցտեսություն։

— Ցտեսություն,— զարմացած ասաց Դյուրանը։


— Ինչո՞ւ ինձ հետ չեք գալիս, Ռավիկ,— ժպտալով հարցրեց Կետ Հեգստրեմը։

Նա կանգնել էր Ռավիկի դեմ՝ նրբակազմ, վստահ ու բարձրահասակ, ձեռքերը դրած վերարկուի գրպանը։

— Ոսկեզանգերը հիմա արդեն ծաղկած կլինեն Ֆիեզոլեում։ Պարտեզի պատը ամբողջ երկարությամբ բռնկված կլինի դեղին հրդեհով։ Բուխարի, գրքեր, անդորր։

Դրսում սալարկի վրա դղրդաց մի բեռնատար մեքենա։ Կլինիկայի փոքրիկ ընդունարանում պատերից կախված Շարտրի տաճարի ապակեպատ լուսանկարները զնգզնգացին։

— Խաղաղ գիշերներ... Ամեն ինչից հեռու...— ասաց Կետ Հեգստրեմը։— Մի՞թե կարող է դա ձեզ դուր չգալ։

— Դուր գալը, դուր կգա, բայց վախենում եմ տանել չկարողանամ։

— Ինչո՞ւ։

— Խաղաղությունը լավ է, երբ մարդ ինքը նույնպես խաղաղ է իր ներսում։

— Մի՞թե ես խաղաղ եմ։

— Բայց դուք գիտեք, թե ինչ է ձեր ուզածը։ Իսկ դա գրեթե նույն բանն է։

— Դուք չգիտե՞ք ինչ եք ուզում։

— Ես ոչինչ չեմ ուզում։

Կետ Հեգստրեմը դանդաղ կոճկում էր վերարկուն։

— Ուրեմն, դա ի՞նչ է, Ռավիկ։ Երջանկությո՞ւն, թե՞ հուսաբեկություն։

Ռավիկն անհամբեր ժպտաց։

― Ըսա երևույթին, և այն, և այն։ Երկուսն էլ, ինչպես սովորաբար լինում է։ Պետք չէ այդ մասին անվերջ մտածել։

— Բա ի՞նչ անել։

— Ուրախանալ։

Կետը նայեց նրան։

— Իսկ չէ՞ որ ուրախանալու համար մարդ միշտ մի ուրիշի կարիքն էլ է զգում,— ասաց Կետը։

— Այո, ուրախանալու համար պետք է մի ուրիշն էլ լինի։

Ռավիկը լռեց, Ինչե՞ր եմ ասում, մտածեց նա։ Ուղևորման շաղակրատանքներ են։ Բաժանման սովորական անհարմար կացություն։ Պաստորական դատարկ ցնդաբանություն։

— Իմ ասածը ոչ թե այն փոքրիկ երջանկությունն է, որի մասին դուք մի անգամ խոսում էիք,— ասաց Ռավիկը։— Այդպիսի բաներ ամեն տեղ են ծաղկում, ինչպես մանիշակը այրված տան շուրջը։ Իմ ասածը ուրիշ է։ Ես ուզում եմ ասել, որ ով ոչինչ չի սպասում, երբեք չի ապրում նաև հիասթափություններ։ Ահա կյանքի օրենքը։ Իսկ այն ամենը, ինչ հետո է գալու, արդեն հաճելի անակնկալ է։

— Դա ճիշտ չէ,— առարկեց Կետ Հեգստրեմը։— Այդպես է թվում միայն այն ժամանակ, երբ մարդ հիվանդ պառկած է լինում անկողնում և մտածում է զգուշորեն։ Իսկ երբ վեր է կենում, սկսում է քայլել, նա արդեն ուրիշ կերպ է մտածում։ Նրա պահանջն արդեն մեծանում է։

Պատուհանից շեղորեն Կետ Գեգստրեմի երեսին ընկավ լույսի մի շող։ Նրա աչքերը մնացել էին ստվերում։ Միայն շրթունքներն էին, որ մենավոր ծաղկի նման բացվել էին դեմքի գունատ ֆոնի վրա։

— Դուք Ֆլորենցիայում բժիշկ ունե՞ք,— հարցրեց Ռավիկը։

— Ոչ։ Պետք է ունենա՞մ։

— Մեկ էլ տեսար կարիքն զգացվեց։ Ի՞նչ գիտես, ինչ կարող է լինել։ Ես ինձ հանգիստ կզգամ, եթե իմանամ, որ դուք բժիշկ ունեք։

— Ես ինձ հիմա շատ լավ եմ զգում։ Իսկ եթե որևէ բան պատահի, մի՞թե չեմ կարող նորից Փարիզ վերադառնալ։

— Իհարկե, դրանում ինչ խոսք։ Պարզապես ես դա ասում եմ զգուշության համար։ Ֆլորենցիայում մի լավ բժիշկ կա — պրոֆեսոր Ֆիոլա։ Կհիշե՞ք։ Ֆիոլա։

— Երևի, մոռանամ։ Բայց դա կարևոր չէ, Ռավիկ։

— Ես նրան կգրեմ։ Նա ինքը կհոգա ձեր մասին

— Ի՞նչ կարիք կա։ Ես ինձ վատ չեմ զգում։

— Սա պրոֆեսիոնալ զգուշություն է, Կետ։ Ուրիշ ոչինչ։ Ես կգրեմ, նա ձեզ կզանգահարի։

— Արեք, ինչպես ուզում եք։— Կետ Հեգստրեմը վերցրեց իր պայուսակը։— Ցտեսություն։ Ռավիկ։ Ես գնում եմ։ Կարող է պատահի, Ֆլորենցիայից մեկնեմ ուղիղ Կանն, իսկ այնտեղից էլ «Կոնտե դի Սավոյայով» Նյու-Յորք։ Եթե երբևէ Ամերիկա գաք, փնտրեք այնտեղ գյուղական մի տուն, որտեղ մի կին է ապրում իր ամուսնու, երեխաների, ձիերի և շների հետ։ Իսկ Կետ Հեգստրեմին, որին ղուք ճանաչում էիք, ես թողնում եմ այստեղ։ Նրա փոքրիկ գերեզմանը գտնվում է «Շեհերազադեում»։ Եթե լինեք այնտեղ, հիշեք ինձ, և մի բաժակ խմեք...

— Շատ լավ։ Իհարկե, օղի։

— Այո։ Օղի։

Կետ Հեգստրեմը անվճռական կանգնել էր սենյակի կիսախավարում։ Լույսի շողը հիմա ընկնում էր նրա հետևին գտնվող Շարտրի տաճարի լուսանկարի վրա։ Գլխավոր զոհարան և խաչելություն։

— Տարօրինակ է,— ասաց Կետը,— ես պետք է ուրախանայի․.. բայց ուրախության ոչ մի զգացում չկա...

— Բաժանվելիս մարդ միշտ ծանր զգացումներ է ունենում, Կետ։ Եթե նույնիսկ հուսահատությունից է բաժանվում։

Նա առանց շտապելու և հուզմունքով լեցուն կանգնել էր Ռավիկի առաջ, կանգնել էր վճռական տեսքով, բայց և մի տեսակ տխուր։

— Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է,— ասաց Ռավիկը։— Գնանք, ես ձեզ ճանապարհ դնեմ։

— Այո, գնանք։

Դրսում եղանակը մեղմ էր ու խոնավ։ Երկինքը շիկացած երկաթի նման կախվել էր տանիքների միջև։

― Հիմա ես ձեզ համար տաքսի կգտնեմ, Կետ։

— Պետք չէ։ Մինչև անկյունը ես ուզում եմ ոտքով գնալ։ Այնտեղ ինքս կնստեմ, Թվում է, թե կյանքում աոաջին անգամ եմ փողոց դուրս գալիս։

— Եվ ի՞նչ տպավորություն ունեք։

― Կարծես գինով հարբած լինեմ։

— Եկեք, այնուամենայնիվ, ես ձեզ համար մի տաքսի գտնեմ։

― Ոչ, պետք չէ։ Ուզում եմ ոտքով գնալ։— Կետը նայեց խոնավ փողոցի երկարությամբ, հետո ծիծաղեց։― Գիտակցությանս ինչ-որ անկյունում դեռ սարսափի պես մի բան կա։ Դա նույնպե՞ս պետք է լինի։

— Այո։ Դա նույնպես։

— Ցտեսություն, Ռավիկ,

— Ցտեսություն, Կետ։

Կետը մի վայրկյան ևս կանգ առավ, կարծես ցանկանալով ինչ-որ բան ասել։ Հետո, ճկուն ու սլացիկ, զգուշորեն աստիճաններով ներքև իջավ և, այլևս չշրջվելով, քայլեց փողոցի երկարությամբ դեպի երեկոյի մանիշակագույն աղջամուղջն ու իր մայրամուտը։


Ռավիկը վերադարձավ կլինիկա։ Անցնելով այն սենյակի կողքով, որտեղ պառկած էր եղել Կետ Հեգստրեմը, նա երաժշտության ձայն լսեց: Զարմացած կանգ առավ։ Գիտեր, որ դեռ նոր հիվանդ չեն տեղավորել այդ սենյակում։

Զգուշորեն նա ծերպ արեց դուռը և տեսավ բուժքրոջը, որը չոքել էր ռադիոլայի առաջ: Ռավիկի ձայնը լսելով, նա ցնցվեց ու վեր ցատկեց տեղից։ Ռադիոլայի վրա դրված էր հին մի ձայնապնակ, որը երգում էր «Le dernier valse»։

Աղջիկը փեշերը թափ տվեց և ուղղեց։

— Այս ռադիոլան միսս Հեգստրեմն է ինձ նվիրել,― ասաց նա։— Ամերիկյան պատեֆոն է։ Այստեղ սրանից չես գտնի։ Փարիզում ոչ մի տեղ այսպիսի բան չեն վաճառում։ Սա միակն է։ Ասացի արագ փորձեմ, տեսնեմ ինչպես է նվագում, հինգ ձայնապնակ ավտոմատիկորեն փոխում է իրար հետևից։— Բուժքույրը հպարտությունից ցնծում էր։— Ամենաքիչը երեք հազար ֆրանկ արժի։ Բա ինչքան էլ ձայնապնակներ կան հետը։ Հիսունհինգ հատ։ Իսկ մեջն էլ ընդունիչ ունի։ Ուղղակի բախտավորություն է։

Բախտավորություն, մտածեց Ռավիկը, նորից այդ բախտավորություն։ Այստեղ դա հանդես է եկել որպես ռադիոլա։ Ռավիկը կանգ առավ ու սկսեց լսել։ Ջութակն աղավնու նման սլացավ նվագախմբից վեր և տրտնջուն ու սենտիմենտալ սավառնեց այնտեղ։ Դա արցունքոտ ու էժանագին մի մեղեդի էր, որից երբեմն մեր սիրտն ավելի շուտ է փլվում, քան Շոպենի բոլոր նոկտյուրններից։ Ռավիկը նայեց շուրջը։ Անկողնային սպիտակեղենը արդեն հանված էր, ներքնակը՝ կոլորած ու տնկած, սավաններն ու բարձի երեսները իրար վրա թափած հատակին՝ դռնից ոչ հեռու։ Լուսամուտները բացված էին։ Երեկոն ծաղրանքով ներս էր նայում։ Հազիվհազ զգացվում էր դուխիների բարմունքը և լսվում սալոնային վալսի վերջին ակորդները — ահա այն, ինչ մնացել էր Կետ Հեգստրեմից։

— Ես չեմ կարող այս բոլորը միանգամից տանել,— ասաց բուժքույրը...— Շատ ծանր է։ Նախ ռադիոլան կտանեմ, հետո երկու անգամ էլ կգամ ձայնապնակները տանելու։ Գուցե նաև երեք անգամ։ Սա հիանալի բան է։ Այսպիսի բան ունեցողը կարող է նաև իր համար սեփական սրճարան բացել։

— Շատ լավ մտադրություն է,— ասաց Ռավիկը։— Զգույշ եղեք, բան չջարդեք։
Վստահելի
1318
edits