Changes
Ախր ծերունին Տիգրանի հայրն է, Բաղմանյանց պարոն Մարգարը...
==ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ==
1
«Ներկայանալ առավոտյան ժամը 9֊ին»։
Երեկո է։
Լացակումած մայրս թխվածք է տեղավորում առանց այն էլ բերնեբերան լի պայուսակում։ Ես տղամարդ եմ խաղում, թեև մորս սփոփելու համար ասած բառերս, կուլայից թափող ջրի նման, ղլղլում են կոկորդումս։
Պատերազմ է։
«Ներկայանալ առավոտյան ժամը 9֊ին»։
Ներկայանում եմ։
Սկսվում է նրանից, որ մերկացնում են։
Մի ծեր մարդ ու երկու ջահել աղջիկ. ահա բժշկական հանձնաժողովը։ Ծերունին հոգնած է, ձանձրացած։ Աղջիկները կամ անցյալ գիշեր հերթապահել են, կամ քիչ առաջ լաց են եղել. աչքները կարմրած են, թախծոտ։
Իմ առջև կանգնած երկարահասակ, չորուկ պատանին ընդգծված քաղաքավարությամբ պատասխանում է ծերունու հարցերին.
— Ցավո՞ւմ է։
— Ոչ, միլորդ։
— Շնչեցեք։
— Խնդրեմ։
— Խորը։
— Հաճույքով, սըր։
Ծերունին զայրանում է.
— Թողեք խեղկատակությունը։
— Խնդրեմ։
— Ինչի՞ց եք գանգատվում։
— Չեմ գանգատվում, ափսոսում եմ։
— Ինչպես թե, ի՞նչն եք ափսոսում։
— Այ, դուք կարող էիք օրական միայն հինգ հոգու մերկացնել, իսկ այժմ ստիպված եք... Չէ՞ որ դուք հոգնած եք, միլորդ...
Ծերունին նայում է տարակուսած.
— Լսեք, ես ժամանակ չունեմ, հիմար մի ձևանաք։
Բայց տղան այլևս չի ժպտում.
— Ներեցեք, բժիշկ։
— Հաջորդը,— սրտնեղած կանչում է ծերունին։
Հաջորդը ես եմ։ Երկարահասակ տղան քաշվում է մի կողմ, ես մոտենում եմ։ Տղան թեթևացած շունչ է առնում.
— Փառք աստծո։
— Ի՞նչ։
— Սա կարճահասակ է,— ինձ ցույց տալով ասում է տղան,— սրան քննելը հեշտ կլինի։
Աղջիկները ժպտում են։
— Լսեք,— զայրանում է ծերունին։
Բայց տղան հանկարծ մեղմանում է, գլուխը խոնարհում.
— Ժպտացեք, բժիշկ, ախր ես այս բոլոր հիմարությունները դուրս եմ տալիս, որ դուք ժպտաք։ Կվերադառնանք, բժիշկ, բոլորս էլ կվերադառնանք, ձեր տղան էլ կվերադառնա, ազնիվ խոսք, գետինը մտնեմ, թե սուտ եմ ասում...
Բժշկի աչքերը խոնավանում են.
— Դու լավ սիրտ ունես, տղա։
— Շնորհակալ եմ, հայրիկ։
Տղան գնում է հագնվելու։ Բժիշկն այլևս հոգնած չէ, աշխույժ տկտկացնում է թիկունքս ու ինքն իրեն մրթմրթում.
— Չեմ հիշում, Զավենիս ընկերն է երևի...
2
— Դու հարցնում ես. «Ինչու»։ Միանգամայն հասկանալի է, տղաս, հակառակը տարօրինակ կլիներ։ Մի կիլոմետրից էլ երևում է, որ վագոնի ավագը լինելու համար ես քեզանից ավելի հարմար եմ։ Բարձրահասակ եմ, այս մեկ, խելոք եմ, երկու...
— Զավզակ ես, երեք,— չարացած կտրում է մեկը։
Տիգրանը լռում է, հետո ծանր հառաչում.
— Նկատեցին սատանաները...
Բոլորը քրքջում են։
Մեզ ուղեկցող ռուս զինվորականը տարակուսած հարցնում է.
— В чем дело?
Մեկը նրան բացատրում է բանի էությունը։ Զինվորականը ժպտում է.
— Люблю чудаков...
Առավոտյան դեմ Տիգրանն արդեն բոլորի սիրելին է։ Ոչ ոք չի վիճում նրա հետ, ոչ ոք չի բողոքում։ Արդեն բոլորի անունները գիտի, բայց որ զարմանալին է, գիտի բնավորությունները։
— Սինյոր, շատակեր եք, գիշերը կերաք ութ գաթա և մի շար սուջուխ։
— Չորս գաթա,— արդարանում է անակնկալի եկած տղան։
Բոլորը քրքջում են։ Ռուս զինվորականը նորից տարակուսած հարցնում է.
— В чем дело?
Մեկը կրկին բացատրում է նրան։
— Տանկից ես վախենում,— բռնում է Տիգրանը տղաներից մեկի օձիքը։
— Ո՞վ ասաց։
— Չե՞ս վախենում։
— Չէ։
— Շատ լավ է։ Ես վախենում եմ, իմ մայրն էլ է վախենում։ Քոնը ո՞նց է, չի՞ վախենում։
— Չէ։
— Ապրիս։ Բա ո՞նց անենք։
— Ի՞նչը։
— Էն, որ ես վախենում եմ։
— Ո՞նց թե...
— Դու արդեն մի առավելություն ունես։ Դու չես վախենում, ես վախենում եմ։ Նշանակում է, դու մինչև գեներալ կբարձրանաս։ Իսկ ես այդպես էլ կմնամ շարքային։ Հետո գեներալին ծանր կվիրավորեն, ասում են՝ գերմանացիները հենց մի գլուխ գեներալներին են վիրավորում... Հետո ես, շարքայինս, կյանքս վտանգի ենթարկելով, քեզ կհանեմ կրակի գծից։ Գերմանացիներն ինձ կսպանեն։ Դու կհուզվես ու սանիտարական գումարտակի բժշկուհիներին կասես. «Խոնարհեցեք գլուխներդ, սա այն զինվորն է, որ կյանքի գնով փրկեց ծեր գեներալին»։ Սանիտարական գումարտակի բժշկուհիները գլուխները կխոնարհեն, իսկ Երևանում մնացած իմ սիրած աղջիկը նրանց նման գիտակից չէ, կլսի, կզայրանա, քեզ դեռ ոչինչ, ինձ վրա կզայրանա, կասի. «Անխելք, զոհվելու տեղ գտավ, գոնե փրկածը բանի նման լիներ...»։
Բոլորը քրքջում են։ Ռուս զինվորականը նորից տարակուսած հարցնում է.
— В чем дело?
Մեկը կրկին բացատրում է նրան։ Զինվորականը տարուբերում է գլուխը։ Իսկ արդեն սրտաբաց դարձած տղան ժպտալով խոստովանում է Տիգրանին.
— Տանկից ես էլ եմ վախենում։
— Փառք աստծո,— թեթևացած շունչ է քաշում Տիգրանը,— փրկվեցի։
— Ո՞նց թե։
— Դու գեներալ չես դառնա։ Գերմանացիները քեզ չեն վիրավորի։ Ես կյանքիս գնով քեզ չեմ հանի կրակի գծից, չեմ սպանվի։ Սանիտարական գումարտակի բժշկուհիները գլուխները չեն խոնարհի։ Երևանում մնացած իմ սիրած աղջիկը չի զայրանա ու քո մասին էլ չի ասի, թե իբր դու բանի նման չես...
Գնացքը սլանում է, վագոնն օրորում է մեզ։ Տիգրանը խոսում է, խոսում։ Ու մարդիկ քնում են ծանր մտքերով լի գիշերից հետո։
3
Տեղում չէին խուզել։ Հավաքակետի վարսավիրը հիվանդացել էր։ Մենք Թբիլիսի ենք հասնում փայփայված, շոյված մազերով։ Բայց միայն մազերը չեն, որ մեզ կապում են խաղաղ օրերի հետ։ Դեռ մեր հագին են մեր շալվարները, որ փայլում են ուսանողական նստարաններին երկար քսվելուց, դեռ մեջքներիս են բարակ, նեղլիկ գոտիները, որ տարիներ շարունակ չափել են մեր աճը։ Վերջապես մեր թիկունքներին են բազմաբղետ պայուսակները, որոնցում մայրերը հաջողացրել են ուտելիքի աներևակայելի քանակ խցկել։
Կայարանից տանում են շարքով։ Շարքն անկանոն է, ծիծաղելի, բայց մայթերի վրա կանգնած քաղաքացիները չեն ծիծաղում։
Շարքի առջևից լոք֊լոք, արագիլի նման, քայլում է Տիգրանը, շարքի հետևից շնչակտուր գնում եմ ես։
Վերջապես հասնում ենք։ Դարպասները բացվում են ու հսկա շենքերի արանքում տեղավորված անծայր բակը կուլ է տալիս մեզ։
— Կանգ ա՛ռ։
Մեզ ուղեկցող զինվորականը գնում է զեկուցելու։ Փխրուն շարքը մի ակնթարթում փշրվում է։ Մարդիկ մեջքներից հանում են պայուսակներն ու պարկերը, մի քանիսը նստում են դրանց վրա։
Տիգրանը կանգնել է մեջտեղում ու արդեն բացատրում է.
— Այո՛, սիրելի Գառնիկ, սա քեզ համար կենտրոնական փողոցի մայթը չէ, որ մի զարմացած աղջկա աչքով անես ու հետո մի շաբաթ պարծենաս, թե համբուրել ես... Սա զինվորական դպրոց է, այստեղ արտակարգ կարգապահություն է հարկավոր։ Օրինակ, ի՞նչ ես անելու այդքան գաթան։ Հրամանատարը կգա. «Դեն նետել ավելորդ ուտելիքը»։ Իսկ ես քեզ ճանաչեցի։ Դու, իհարկե, գաթան դեն չես գցի։ Իսկ գաթայի համար հաուպտվախտ նստել չես ուզում։ Ամբողջը միանգամից կուտես։ Իսկ հետևա՞նքը... Իսկույն ստամոքսդ կխանգարվի... Կտանեն հոսպիտալ։ Այնտեղ լուծողականի փոխարեն ուրիշ դեղ կտան։ Հավատացնում եմ, սիրելիս, հոսպիտալներում հենց այդպես էլ անում են, և ի՞նչ... Կռվելու փոխարեն անտեղի կկորչես, մինչդեռ հայրենիքն սպասում է, որ դու փրկես իրեն... Ահա, թե ինչ է նշանակում գաթա, այոս...
— Շարքի՛,— հնչում է մի ահեղ ձայն։
Մեր առջև կանգնած է մի փոքրամարմին ավագ։ Առաջին նվագ մենք գլխի չենք ընկնում, որ ահեղ ձայնը նրանն է, մինչդեռ նա մանրիկ աչքերից կրակ է ցայտեցնում և գոռում բակով մեկ.
— Շուկա են սարքել, ինտելիգենտիկնե՜ր...
Մի կերպ շարք ենք կանգնում։ Ահեղաձայն գաճաճը հանկարծ ժպտում է ու, շարքի առաջն ընկնելով, ասում.
— Է՜յ, արագիլ, իմ հետևից, դեպի բաղնիք...
Վազում ենք ինչ֊որ երկար շենքերի մոտով, որոնցից, ավելները ձեռքներին, դուրս են գալիս դպրոցի հին սաները և ժպտալով նայում մեզ։ Մեր ուսերին լխկլխկում են պայուսակներն ու պարկերը, լայն շալվարները փաթաթվում են ոտքներիս, շնչակտուր հևում ենք, մինչդեռ ահեղաձայն գաճաճը սլանում է, ու նույնիսկ Տիգրանը չի հասնում նրա հետևից։
— Կանգ ա՛ռ։
Մենք անակնկալի եկած ընկնում ենք իրար վրա։ Տիգրանն իր տակ ճխլում է ահեղաձայն գաճաճին, հետո վեր է կենում ու քաղաքավարի ասում.
— Ներեցեք, բարոն, ես ձեզ փոքր֊ինչ ճխլեցի...
Ավագը զայրացած ոտքի է կանգնում, աչքերով ծակում Տիգրանին ու քամակը քորելով ասում.
— Արջ ես, տո...
Հետո հանկարծ ժպտում է.
— Ի՞նչ կա դրսում, մի շաբաթ է, որ եկել եմ Տագանրոգից... Համա ջանավար ես, հա՜...
Ամեն ինչ փոխվում է։ Տղաները մեղմանում են, զվարթանում։ Աշխարհը լայնանում է, դպրոցի պատերը ետ են գնում, ու նույնիսկ Գառնիկի համար դադարում են հոգս լինել չարաբաստիկ գաթաները։
— Տար տղաներին,— ասում է Տիգրանը իր պարկը տագանրոգցուն մեկնելով։
— Տար տղաներին,— ասում է մի ուրիշը։
— Տար տղաներին։
— Տար տղաներին։
— Տար տղաներին,— ափսոսանքով ասում է Գառնիկը։
— Մենք մտնում ենք բաղնիք։
Շփոթված տագանրոգցին դեռ կանգնած է գետնին շարված մեր պարկերի առաջ։
4
Ոչ մի չարչարանք չի պահանջվում։ Հարկավոր չէ պտուտակները ոլորել։ Ջուրը թափվում է ինքն իրեն։ Հինգ րոպե տաք ջուր է գալիս, հետո կտրվում է, այդ ժամանակ պետք է մարմնիդ օճառ քսես, ապա հինգ րոպե ցնցուղներից սառը ջուր կթափվի, արագ֊արագ մաքրիր մարմնիդ օճառը, և մարմինդ ու խուզած գլուխդ մաքուր են...
Սառը ջուրը կտրվում է։ Գառնիկը դեռ ծածկված է փրփուրով։ Տիգրանը կարողանում է բացել միայն մեկ աչքը։ Իսկ լողարանի շեմքին արդեն կանգնած է լեյտենանտը.
— Դուրս գալ նախասրահ, հագնվել...
— Մի քիչ էլ ջուր կարելի՞ է, չհասցրի,— ասում է Գառնիկը։
— Դուրս գալ նախասրահ։
Տիգրանը մի աչքը փակ մոտենում է լեյտենանտին.
— Թույլ տվեք ծանոթանալ, Տիգրան Բաղմանյան։
— Դուրս գալ նախասրահ,— կրկին գոռում է լեյտենանտը։
Տիգրանի շուրթերին ժպիտ է երևում։
— Բայց, միլորդ,— նազանքով ասում է նա,— այստեղ թյուրիմացություն կա։ Կուրսանտ Բաղմանյանը միայն մեկ աչք ունի։ Հասկանալի է, մեկ աչքով նա չի կարող կռվել, այսինքն, առնվազն մեր հաղթանակը կուշանա, քանի որ, ինքներդ եք հասկանում, շարքում յուրաքանչյուր զինվորը մի կաթիլ ջուր է հաղթության ջրաղացին...
Լեյտենանտը նախ չի հասկանում Տիգրանին, ապա հանկարծ կարմրում է ճակնդեղի նման։
— Կուրսանտ,— գոռում է նա,— երկու վերակարգ անհերթ։
Տիգրանը կանգնում է զգաստ։
— Լսում եմ, երկու վերակարգ, խնդրում եմ չնեղանաք, որ պատվի չեմ առնում։ Ինքներդ ծանոթ եք կանոնադրությանը, երբ զինվորի գլխին գլխարկ չկա, նա չպետք է ձեռքով պատվի առնի, այնպես որ...
Լեյտենանտը դուրս է թռչում նախասրահ, այնտեղից լսում ենք նրա՝ ձայնը.
— Ավա՛գ, երկու վերակարգ այդ տիպին։
Հինգ րոպե հետո Տիգրանը քայլում է շարքի առջևից։ Ավագը թիվ է տալիս.
— Մեկ, երկու, մեկ, երկու...
Շարքը բարձրանում է աստիճաններով։ Լայն ու երկար միջանցքում լեյտենանտը հանկարծ գոռում է.
— Դասակ, կանգ առ, զգա՜ստ։
Կանգնում ենք, նկատում ենք տարեց կապիտանին, որ միջանցքի ծայրից ժպտալով մոտ է գալիս։ Նոր լվացած հատակը դոփելով, լեյտենանտն շտապում է կապիտանին ընդառաջ։ Ես նայում եմ նրա խաղացկուն քայլքին, աքլորաճուտի կեցվածքին, որքան սարքովի վեհություն ու նազանք կա այս արճճե զինվորիկի մեջ։ Զինվորական երթերի ժամանակ ես առաջ էլ շատ եմ տեսել կոկ ու վայելուչ, մի քիչ հոգնած սպաների, որոնց վայելչության մեջ սարքովի ոչինչ չկար, որոնց հոգնածությունն իսկ հաճելի էր, դուրեկան։ Սա ուրիշ է։ Նայում եմ ու հասկանում Տիգրանի արարքը։ Տիգրանը պարզապես բոլորից շուտ է նկատել տարբերությունը։ Լեյտենանտը ձգվում է կապիտանի առաջ ու սերտած անփութությամբ զեկուցում.
— Մարտկոցի ընկեր հրամանատար, նորեկներից կազմված երկրորդ դասակը վերադառնում է բաղնիքից։ Զեկուցում է դասակի հրամանատար լեյտենանտ Զուբը։
Կապիտանը մոտենում է շարքին, ժպտում.
— Բարև ձեզ, ընկեր կուրսանտներ։
— Բա՛րև։
— Բա՛րև։
— Բա՛րև։
Խառնիխուռն պատասխանում են տղաները։
Իսկ ապարանցի Զալիբեկը շարքի հետևից մտախոհ ասում է հայերեն.
— Բարով, հազար բարի։
Կապիտանը ծիծաղում է։ Լեյտենանտը չի հասկանում նրա ծիծաղի պատճառը, բայց հետևելով հրամանատարին, շուրթերի վրա ժպիտ է ծռմռում։
— Ձեր մարտկոցի հրամանատարն եմ,— ասում է կապիտանը,— ազգանունս Դայնեկա,— դիմում է Տիգրանին,— ի՞նչ կրթություն ունեք։
— Գրականության ֆակուլտետի երրորդ կուրսում էի սովորում, ընկեր կապիտան։
— Լեյտենանտ,— ասում է կապիտանը,— սրան նշանակում եմ դասակի հրամանատարի օգնական, զեկուցել երեկոյան ստուգման ժամանակ։
Կապիտանը հեռանում է։ Տիգրանը մտախոհ նայում է նրա հետևից.
— Ճիշտ որոշում էր, մերսի, միլորդ,— նազանքով հանում է գլխարկը։
Գազազած լեյտենանտը կարգադրում է.
— Ցրվե՜լ։ Ավագ, ցույց տվեք ննջարանը։
5
Ձի։
Ահա վերակարգը։
Ձի։ Եվ այն էլ ոչ թե մեկ հատ, այլ ամբողջ վաթսունվեց, գեղեցիկ, ողորկ, երկայնաոտ ու լայնակուրծք։ Երբ գնում ենք դաշտային պարապմունքի և քաղաքի փողոցներով տանում ենք նրանց հրանոթներին լծած, նրանք հիացած անցորդների առաջ հպարտությամբ բարձրացնում են գլուխները, քայլերգի տակտով վերուվար անում գեղեցիկ ոտքերը, անորոշ խրխնջում։
Իսկ այստեղ, ախոռում, նրանք բոլորովին ուրիշ են։ Ահա կանգնած են շարքով, մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից դաժան, ինչպես հեքիաթների գեղեցկուհիները։
Չորս հոգնած կուրսանտ։ Տիգրանը վերակարգի ավագն է։ Նա օձիքին երկու փայլուն եռանկյունի ունի, իսկ ես, Գառնիկն ու ապարանցի Զալիբեկը շարքայիններ ենք։
Զարմանալի է։ Գյուղից եկել է Զալիբեկը, բայց ձիերից վախենում է, իսկ մեզ համար վաթսունվեց ողորկ մարմինները պարզապես անլեզու հակառակորդներ են, որոնց չի կարելի սպանել, չի կարելի նույնիսկ թակել, որոնց պետք է խնամել, պահել մաքուր, որ, աստված չանի, ստուգելիս լեյտենանտ Զուբը դժգոհ չմնա։ Հոգնածությունից Զալիբեկի լացը գալիս է, ավելի շուտ ցախավելն է տանում նրան, քան նա ցախավելին։ Տիգրանը գնում է Զալիբեկի կողքից՝ դույլը ձեռքին։ Դույլի միջի թարմ գոմաղբից թանձր գոլորշի է բարձրանում, իսկ Տիգրանը Զալիբեկին բացատրում է.
— Կոմս, դարեր ի վեր ձին եղել է մարդուս բարեկամը։ Փառքի մարտադաշտերը հերոս մարդկանց ու հերոս ձիերի ոսկորներով են ծածկվել։ Հիշեցեք ձեր փառահեղ նախահորը՝ Վարդան Մամիկոնյանին։ Կարծում եք այն ժամանակ ձի չէի՞ն խնամում, սխալվում եք։ Իսկ մի՞թե այն ժամանակ հաճելի էր։ Ո՛չ, կոմս, հավատացնում եմ, այն ժամանակ էլ հաճելի չէր, ձի խնամելը հեշտ ու հաճելի է միայն գրքերում ու կինոնկարներում։ Ահա, խնդրեմ, անկյունի շիկակարմիրը կրկին բարեհաճեց դուրս գնալ։ Շտապեցեք, կոմս, վերակարգը հանձնելու ժամանակն է։ Հատկապես հենց այս ժամերին է սիրում հայտնվել մեր դասակի հայրը։
Զալիբեկը ցախավելին հեծած շտապում է դեպի անկյունի շիկակարմիր ձին։ Ու ճիշտ այդ վայրկյանին ախոռի դռների մեջ հայտնվում է «դասակի հայրը»։
— Զգա՜ստ,— գոռում է Տիգրանը, նա ձախ ձեռքով կրծքին է սեղմում աղբով լի դույլը և կեղտոտ կոշիկները ախոռի սալահատակին զարկելով մոտենում է լեյտենանտին.
— Դասակի ընկեր հրամանատար, ախոռում գտնվում են ուղիղ յոթանասուն շնչավոր, դրանցից վաթսունվեցը ձիեր են, մեկը Զալիբեկն է, երեքը վերակարգի անդամները։ Ձիերը գոհ են, Զալիբեկը դժգոհ է, վերակարգի երեք անդամները...
— Թողնե՛լ,— գոռում է զայրացած լեյտենանտը։
— Թողնե՛լ,— կրկնում է Տիգրանը։
Լեյտենանտ Զուբը շրջում է երկար, լուսավոր ախոռում, Տիգրանը ձախ ձեռքով դույլը գրկած հետևում է նրան, աչքերում հեզություն ու խորին ակնածանք։ Նրա ակնածանքում շինծու ոչինչ չկա, հենց այդ է, որ կատաղեցնում է լեյտենանտին։ Նա ուշադիր նայում է մսուրքներին, ձիերին, կերի պահեստը։
Ստուգումն ավարտված է։ Դռների մոտ վերակարգը կանգնում է լեյտենանտի առաջ։
— Կոշիկները կեղտոտ են,— սառն ասում է Զուբը։
— Միանգամայն ճիշտ է,— համաձայնում է Տիգրանը,— երևակայեցեք, այս կեղտոտ կոշիկները ամբողջ ախոռի պարկետը փչացրին։
Հանկարծ լեյտենանտը նկատում է, որ Տիգրանը դեռևս կրծքին սեղմած պահում է դույլը։
— Դե, ինչ ես կրծքիդ սեղմել,— գոռում է նրա վրա,— ցած դիր։
— Լսում եմ,— զվարթ զեկուցում է Տիգրանը։
Գալիս են մեզ փոխելու։
— Հանձնել,— ասում է լեյտենանտը,— շորերը մաքրել, ընթրել, պատրաստվել երեկոյան ստուգման։
Լեյտենանտը դուրս է գալիս ախոռից։
— Շարվի՛ր,— հրամայում է Տիգրանը։
Վերակարգը շարվում է։ Նորերը հեծնում են ցախավելներին։ Տիգրանն աչքով է անում նոր վերակարգի ավագին ու մեզ կարգադրում.
— Զգա՜ստ, ա՜ջ դա՛րձ, քայլո՜վ մա՛րշ։
Երեքով իծաշարուկ դուրս ենք գալիս ախոռից։ Տիգրանը քայլում է կողքից, թիվ է տալիս.
— Մեկ, երկու, մեկ, երկու...
Ես մի կերպ քարշ եմ տալիս հոգնած ոտքերս ու անիծում հանկարծ կարգապահ դարձած Տիգրանին։
Բակում անցնում ենք լեյտենանտ Զուբի մոտով։
— Զգա՛ստ,— կարգադրում է Տիգրանը,— հավասարումը դեպի աջ...
Ինքը պատվի է առնում։ Լեյտենանտն շտապում է մտնել հարևան շենքը։
Մենք հասնում ենք զորանոց։
6
Մաքրում ենք երկարաճիտ կոշիկները։ Զալիբեկը կանգնած քնում է։ Տիգրանը բացատրում է նրան.
— Կոմս, առանց կարգապահության ոչ ոք չի կարող հաղթել, Սուվորովն ասել է...
— Տիգրան,— կտրում է Գառնիկը։
— Ասա, որդիս։
— Զահլա տարար։
— Լսում եմ,— համաձայնում է Տիգրանը։
Վերջապես ավարտում ենք, լվացվում, գնում ենք ընթրելու։
Ճաշարանի վերակարգի տղաները մեզ համար ամենահամեղ պատառներն են պահել։
Գառնիկն ու ես ուտում ենք լուռ, Զալիբեկը փնչալով հաղթահարում է յուղոտ կաշան, Տիգրանը փիլիսոփայում է.
— Ձիերը, զինվորներն ու Զալիբեկը պետք է կուշտ լինեն։
Եվ իր ափսեից միսը դնում է Զալիբեկի ափսեն։
— Ինչ ես անում, պետք չի,— շփոթվում է Զալիբեկը։
— Ճաշակեցեք, կոմս,— հառաչանքով ասում է Տիգրանը,— դեռ պատերազմի դաշտում ինչե՜ր կարող են լինել։ Ես ձեր տոհմի համար պատրաստ եմ ամեն ինչ անել։ Այ, եթե դուք բարեհաճեք սպանվել, ես խոստանում եմ ամուսնանալ ձեր այրու հետ։ Մենք ձեր նկարը կմեծացնենք ու կկախենք ննջարանում։ Մենք մինչև մեր մեղավոր կյանքի վերջը կհարգենք ձեր պայծառ հիշատակը... Ներեցեք, ինչպե՞ս էր կոմսուհու անունը...
Ես ու Գառնիկը փռթկացնում ենք, Զալիբեկը նեղանում է.
— Առ միսդ, հարամ է...
— Նեղացաք,— տխրում է Տիգրանը,— լավ։ Եթե չեք ուզում, ես կոմսուհու հետ չեմ ամուսնանա, մենք ձեր նկարը չենք մեծացնի, ննջարանում չենք կախի, մինչև մեր մեղավոր կյանքի վերջը չենք հարգի ձեր պայծառ հիշատակը...
— Ինչ ես ուզում, տո,— լացակումած ասում է Զալիբեկը։
Հանկարծ Տիգրանը լրջանում է.
— Ծիծաղիր, ապուշ,— ասում է տխուր,— ծիծաղիր...
Ու ճաշը սեղանին թողած հեռանում է։
Երեքով նայում ենք նրա հետևից։ Ուսերը կախվել են, քայլվածքը տարտամ է, անհաստատ։
... Առավոտյան հագնվելիս, Տիգրանը բարձի տակ երկու կտոր սուջուխ է գտնում։ Զալիբեկը ննջարանում չէ։
— Կոմսն է դրել,— հաստատ ասում է Տիգրանը,— նրանից բացի դեռ ոչ ոք ծանրոց չի ստացել։
7
Թնդանոթի որոտի նման է հնչում.
— Ոտքի՛։
Քսանյոթ մարդուց օրորվելով ելնում են վեցը։ Ոչ ոք չի կռացել սեղանին, երեք ամսվա ընթացքում սովորել ենք քնել ուղիղ նստած։
Դռների մեջ կանգնած գնդապետը սովոր մարդու տխուր աչքերով նայում է քնած կուրսանտներին, իսկ դասատուն՝ ռուս երիտասարդ կապիտանը, շփոթված չգիտի ինչ զեկուցել.
— Քնած են, ընկեր գնդապետ։
— Տեսնում եմ,— գնդապետը թափ է տալիս ձեռքը,— ուղարկեցեք զորանոց։
Տղաները մեկ֊մեկ արթնանում են։ Տիգրանը բոթում է Զալիբեկին.
— Կոմս, խռացնում եք։
— Համմե՞։
— Խռացնում եք, ասում եմ։
Զալիբեկը բացում է պղտորված աչքը, ոտքի է կանգնում։
Նրա դիմաց կանգնած են բարի գնդապետն ու շփոթված կապիտանը։
— Քնել էիք, կուրսանտ,— ասում է գնդապետը։
— Ճիշտ այդպես։
— Դասի ժամանակ։
Զալիբեկը խոնարհում է հեզ, տխուր աչքերը։
— Քնել էր, ընկեր գնդապետ,— ուրախ զեկուցում է Տիգրանը,— արդեն չորրորդ օրն է վերակարգում։
— Ինչո՞ւ,— զարմանում է գնդապետը։
Տիգրանը լուռ է, լուռ է նաև Զալիբեկը, լուռ է լսարանը։
Իսկ միջանցքում աղմկում են։ Աղմուկը ճարճատում է գնդացրի նման.
— Եմ դրանց ցույց կտամ, ինտելիգենտիկներ...
Գնդապետը զարմացած է, իսկ մենք ու երիտասարդ կապիտանը չենք զարմանում։ Լեյտենանտ Զուբն է։ Ինչ֊որ մեկը դրսում նրան ասել է, թե տղաները քնում են դասի ժամանակ։ Նա շաբաթական երկու անգամ անակնկալ գալիս է ստուգելու։ Գալիս է աղմուկով ու հենց այդ պատճառով ոչ մեկին քնած չի բռնում։
— Թույլ տվեք,— միջանցքից լսվում է նրա գոռոցը։
Դուռը թափով բացվում է։ Զուբը, խորամանկ ժպիտը շուրթերին, կանգնում է դռների առաջ.
— Ընկեր կապիտան...
— Ավագ հրամանատար կա,— կտրում է կապիտանը։
Զուբը նկատում է գնդապետին, մի պահ կարկամում է, ապա շինծու համարձակությամբ զեկուցում.
— Դասակի հրամանատար լեյտենանտ Զուբ։
Մենք լուռ կանգնած ենք։
Գնդապետը գրպանից հանում է լուցկու տուփը, լուցկիները թափում հատակին։
— Բարեհաճեցեք հավաքել, լեյտենանտ։
Զուբը կռանում է ու մեկ֊մեկ հավաքում լուցկիները, լցնում տուփի մեջ, տալիս գնդապետին, բայց սա կրկին շաղ է տալիս.
— Կրկնեցեք, լեյտենանտ։
Ճակնդեղի նման կարմրած Զուբը կրկնում է։
Գնդապետը նորից է թափում լուցկիները։
Կուրսանտների մեջ խուլ շշուկ է տարածվում։ Լեյտենանտի ականջները վարդագույն են, շուրթերը դողում են։ Բայց նա խոնարհ հարսի նման կրկնում է ակամա մարզանքը։ Երրորդ անգամ տուփը գնդապետին հանձնելիս, նրա աչքերը լցվում են աղաչանքով։
— Դժվա՞ր է,— ժպտալով հարցնում է գնդապետը։
Զուբը լռում է։
— Պատասխանեցեք։
Զուբը նրանից չի հեռացնում աղաչական հայացքը։
— Առանց ընդմիջման չորս վերակարգ։ Իսկ դուք միայն երեք անգամ լուցկիները հավաքեցիք։ Զեկուցեցեք, խնդրեմ, Դայնեկային՝ հինգ օր տնային կալանք։ Գոտին ու ատրճանակը կարող եք չհանձնել։ Դասակի հրամանատարի օգնական։
— Լսում եմ,— արձագանքում է Տիգրանը։
— Քնե՛լ։
Գնդապետը հեռանում է։ Չարացած Զուբը մոտենում է Զալիբեկին.
— Բողոքել ես, հա՞, սողուն։
— Կուլտուրայից է,— ժպտալով ընդմիջում է Տիգրանը։
— Լռել։
— Լսում եմ։ Բանակում պետք է կարգ ու կանոն լինի, որովհետև, ներեցեք, բանակը դա հո կոշկակարների արտել չէ։ Այ, օրինակի համար...
— Օձ,— ֆշշում է Զուբը։
Տիգրանը ժպտում է.
— Ինձ սխալ հասկացաք, բարոն, երդվում եմ, ես ձեր իրավունքն եմ պաշտպանում։ Ախր սիրտս կտրտվում է, երբ ձեր նման ազնիվ սպան կարմրում է այսպիսի կուրսանտի համար։ Եթե ինձ հարցնեք...
Կապիտանն ընդհատում է.
— Կուրսանտ Բաղմանյան։
— Լսում եմ։
— Դասակը տարեք զորանոց։
Տիգրանը պատվի է առնում։ Մենք խառնիխուռն դուրս ենք գալիս միջանցք շարվելու։ Դուրս գալուց առաջ Տիգրանը քաղցր ժպտում է Զուբին։ Սա ձեռքը տանում է դեպի ատրճանակը։ Տիգրանն ավելի լայնաշուրթ է ժպտում։ Կապիտանը ցնցվում է զայրույթից.
— Լեյտենանտ, հանձնեցեք գոտին ու ատրճանակը։
Զուբը լուռ հանում է գոտին։
... Մեր շարքն անցնում է հսկայական բակով։ Զուբն ավելի առաջ է, նա գրեթե վազում է, որ բակում հավաքված սպաներն ու կուրսանտները չնկատեն իրեն առանց գոտու ու ատրճանակի։
Ու հանկարծ պարզվում է, որ Զալիբեկը կարող է երգել։ Զինվորական քայլերգի բառերը նա ասում է կոտրտված ռուսերենով, բայց հաղթահարում է նույնիսկ ամենաբարձր անցումները։ Դասակը համերաշխ ձգում է կրկներգը, իսկ շարքի կողքով քայլող Տիգրանը ժպտում է։
8
Երեկոյան երկարաճիտ կոշիկների մեջ ջուր ենք լցնում։ Գիշերը հայտարարվում է տագնապ։ Զուբը կանգնած է ննջարանում՝ ժամացույցը ձեռքին.
— Իջնել բակ, շարվե՛լ...
Երբ Աղավնյակը հագնում է կոշիկները, ջուրը շփալով դիպչում է երեսին, մի ակնթարթում փաթաթանները թրջվում են։
... Գնում ենք գիշերով։ Ճանապարհը մի կողմ է մնում։ Լույս չի կարելի վառել, «թշնամին» մոտիկ ձորակում է։ Աղավնյակը գնում է հրանոթի հետևից կաղին տալով։ Թաց փաթաթանները հավաքվել, գունդ են եկել ոտքերի տակ։ Նա զգում է, որ հիմա ոտքերին արյունոտ, վարդագույն բշտիկներ կան, լացը գալիս է, բայց ոչ ոք չի խղճում նրան։
Ոչ ոք չի սիրում Աղավնյակին։ Դպրոցում այդպիսի մի քանիսը կան, անունները կորցրած։ Բոլորը դրանց Աղավնյակ են կոչում։ Նրա հայրիկն ինչ֊որ տեղ ինտենդանտական ծառայության գեներալ է, ուրեմն նա չի ճաշի մյուս կուրսանտների հետ, չի քնի ընդհանուր ննջարանում։ Զուբը նրան հատուկ պատիվ է արել։ Նա քնում է Զուբի փոքրիկ սենյակում։ Նրա մազերը մերի նման խուզված չեն, շարքայինի կիրզե կոշիկներ չի հագնում, մաքուր է, կոկ։ Նա ախոռի ճանապարհը չգիտի։ Դասակին ընդամենը քսանվեց ձի է ընկել, դասակում քսանյոթ կուրսանտ կա...
Ճանապարհը երկար է, դժվար, իսկ ոտքերը ցավում են։ Նա հրանոթի անձնակազմի երկրորդ համարը չէ, թե չէ կնստեր լաֆետի վրա, հակառակի նման լեյտենանտն էլ կորել է խավարում։
Ես քայլում եմ Աղավնյակի կողքից, լսում նրա խուլ հառաչանքները, խղճում եմ, ցածրաձայն ասում.
— Ինձ տուր հրացանդ։
— Ի՞նչ։
— Օգնեմ։
Մթնում չեմ տեսնում աչքերը, բայց մտածում եմ, որ դրանցում հիմա երախտագիտություն կլինի։ Վերցնում եմ հրացանը։
9
Ինձ կանչել են լեյտենանտ Զուբի առանձնասենյակը։ Կանգնել եմ, պատվի առել։
— Ո՞վ էր լցրել ջուրը։
— Չգիտեմ։
— Իսկ ինչպե՞ս իմացար ճանապարհին։
— Չիմացա։
— Հապա ինչո՞ւ վերցրիր հրացանը։
— Ընկերս հոգնել էր, օգնում էի։
— Սուտ է,— լսվում է մահճակալից (այնտեղ, ոտքերը փաթաթած, պառկած է Աղավնյակը),— գիտի, դրանք բոլորն էլ մեկ են, խոզեր...
Սրտումս եռում է զայրույթը, ուզում եմ հարձակվել Աղավնյակի վրա, որն այժմ ատելությամբ լի աչքերով ծակում է ինձ, բայց բարկությունս զսպում եմ, լռում։
Իմ փոխարեն խոսում է Զուբը։ Խոսում է ոչ թե ինձ հետ, այլ Աղավնյակի.
— Մի անհանգստանա, ես սրանց բերանը բաց կանեմ, սրանք այլևս իմ ձեռքից չեն պրծնի...
Մի խոսքով, պատիժն ստանում ենք երեքով՝ ես, Զալիբեկը, Տիգրանը։
Տիգրանը ննջարանում հավաքել է բոլորին ու անդրշիրիմյան ձայնով հորդորում է.
— Լաց մի լինեք, ազնիվ պարոններ, տիկնայք, սրբեցեք արցունքները։ Արծիվներն այցի կգան ձեր տառապյալ ասպետներին, բանտի մահճակալները մեզ փետուրե մահիճ կթվան, քանզի մենք գիտենք, որ մեզ համար այստեղ ցավով ու սիրով տրոփում են քսաներեք ազնիվ սիրտ։ Ներեցեք, որ ես չեմ հաշվում Աղավնյակին, ես ներում եմ նրան, թող աստված ների մեղավորիս...
Տիգրանը դիմում է Զալիբեկին.
— Կոմս, աղաչում եմ, դուք էլ ներեցեք նրան։
— Ներում եմ,— անկեղծ ասում է Զալիբեկը։
— Ի՞նչ։
— Ով հինը հիշի...
— Ապուշ։
— Ի՞նչ։
— Ոչինչ, կոմս, ես պարզապես երջանիկ եմ, որ տառապանքը կիսելու եմ ձեզ հետ միասին...
Խմբով գնում ենք Աղավնյակին ներելու։
Զուբն, իհարկե, մեզ դուրս է վռնդում իր ննջարանից։ Դռների մեջ Տիգրանը հրաժեշտ է տալիս.
— Միլորդ, աղաչում եմ, հանուն ասպետության, գրեցեք կոմսուհուն, ահա հասցեն. Ապարան, քաղաք Ղուշչի, կոմս Զալիբեկ դը Ծատուրի ապարանքը։
— Դո՜ւրս...
Ավագը մեզ դեպի բանտ է առաջնորդում։ Բակում Տիգրանն աջ ու ձախ հանում է գլխարկը և նազանքով գլուխ տալիս։ Ծանոթ կուրսանտները ժպտում են։
Իսկ Զալիբեկի լացը, համենայն դեպս, գալիս է...
10
Զալիբեկի ուսերը թմրել են, նշանակում է, թե արդեն կշտացել է։ Նա ափսոսանքով նայում է դույլի մեջ լցված շիլային, որի վրա, սլացքի պատրաստվող հրթիռների պես, տնկվել են երեք գդալ, այդ թվում նաև իր սեփականը։
Տիգրանը հորդորում է նրան.
— Ամեն ինչ կարելի է հաղթահարել, կոմս, նույնիսկ կուշտ լինելը։ Եվ ինչ է նշանակում կուշտ լինել։ Ձերդ ազնվությունը մի՞թե այժմ չէր ճաշակի եղնիկի միս։ Կամ վերցնենք ծիծեռնակի բներից պատրաստված արգանակը, որ այնքան հարգի է հարևան Չինաստանում։ Իսկ կապիկի ուղեղը, տաք, արյունալի...
— Յա՜խկ,— ասում է Զալիբեկը։
— Իզուր,— ափսոսանքով պատասխանում է Տիգրանը,— պարզապես սովորության հարց է։ Այ, ձեր ապարանքի շուրջը փորված խրամատում, հավանաբար, միլիոնավոր գորտեր կան, իսկ դուք չեք կերել դրանք միայն նախապաշարվածության պատճառով։ Ներեցեք, կոմս, ձեր ախորժակն ունենալով խոզերն ուտում են սեփական ճուտերին։
— Տիգո։
— Հրամայեցե՛ք, կոմս։
— Լավ, էլի, ախպոր նման...
Տիգրանը գլուխ է տալիս.
— Մեծ պատիվ է, կոմս, մեծ պատիվ է։ Դուք բարեհաճեցիք ինձ եղբայր անվանել, ինձ, ազնվականական սանդուղքի ամենաներքևի աստիճանին կանգնածիս...
— Տիգո ջան, հոգուտ մատաղ, հերիք է, էլի։
— Ուրիշ օբյեկտ չկա,— անկեղծ հառաչում է Տիգրանը։
Բայց «ուրիշ օբյեկտը» հայտնվում է անակնկալ։
Բանտի վերակարգի տղաներից մեկը շտապ ներս է վազում, մեր առջևից հափշտակում է շիլայով լի դույլը, որ մենք գաղտնի նվեր ենք ստացել ճաշարանի տղաներից։
— Պահակապետը գալիս է,— շփոթված ասում է նա։
Տղան տանում է դույլը, մենք պատրաստվում ենք պահակապետին ընդունելու։
Տիգրանն անկեղծ ուրախանում է, երբ տեսնում է լեյտենանտ Զուբին։ Այսօր «մեր հայրն» է պահակապետը։
Զուբը ներս է մտնում հաղթական ժպիտով։
— Ոտքի՛,— հրամայում է Տիգրանը։
Մենք ծույլ֊ծույլ ոտքի ենք ելնում։
— Զինվորական կարգապահության ընկեր կանոնադրություն,— զեկուցում է Տիգրանը,— ձեզ վստահված տերության երեք ապաբախտ թշնամիները, եռօրյա ապաշխարանքից հետո, հասկացել են իրենց հանցանքը և խորին զղջումով խոստովանում են...
— Ահա՜,— հաղթական ասում է Զուբը։
— Սխալ է եղել, ընկեր լեյտենանտ։
— Ուրեմն սխալվե՞լ եք,— կծու հեգնում է Զուբը։
— Ճիշտ այդպես։ Եվ ամբողջ մեղքը կոմսինն է։
— Ի՞նչ կոմս։
— Կոմս դը Ծատուրինը, տեր իմ։ Ես նրան ասում էի, սա ոչ թե լեյտենանտի, այլ Աղավնյակի կոշիկներն են։ Իսկ նա, ներեցեք, իր էշն էր քշում։ Իբր ինքը շատ լավ է ճանաչում ձեր կոշիկները, իբր թե նա ձեր կոշիկները կճանաչեր մի միլիոն զույգ կոշիկների մեջ, նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից, քանի որ, ներեցեք, ինչպես կոմսն է պնդում, իբր թե ձեր կոշիկներից գարշելի հոտ է գալիս...
Տիգրանի զեկույցի ժամանակ Զուբը կտրատում է իրեն, իսկ երբ Տիգրանը քաղցր ժպտալով վերջացնում է, լեյտենանտը դողում է ամբողջ մարմնով.
— Սրիկա՛,— ֆշշացնում է նա։
Տիգրանը նրա հայհոյանքն իր վրա չի վերցնում.
— Աղաչում եմ, ձերդ ազնվություն, այդպես մի վիրավորեք կոմսին, նա դրան սովոր չէ, օ՜, ինձ հայհոյեցեք, խնդրում եմ, դա մեծ պատիվ կլիներ ինձ համար։ Ինքներդ դատեցեք, մի՞թե նա մեղավոր է, որ Աղավնյակի կոշիկներն էլ ձերի նման բուրում են... Մարդը սխալական է, ինչպես ասում էին հնում, կոմսը սխալվել է, և հավատացնում եմ, այժմ անկեղծ զղջում է, որ ձեր կոշիկների փոխարեն Աղավնյակի կոշիկներն է լցրել ջրով...
— Ես ձեզ ցույց կտամ, սրիկաներ,— գոռում է Զուբը զայրույթից չռված աչքերով։ Նա կրկին ձեռքը տանում է դեպի ատրճանակը։
Զալիբեկը բարձրացնում է աթոռակն ու սկսում զննել դրա ոտքերը...
Կատաղած Զուբը դուրս է թռչում բանտի խցիկից։
Տիգրանը Զալիբեկին ասում է.
— Երբեք չեմ մոռանա, կոմս, դուք փրկեցիք իմ կյանքը, թող աստված պահպանի ձեզ տիֆից...
11
Դայնեկային սիրում ենք իր մեղմ բնավորության, աչքերում թաքնված անորոշ թախծի և այն բանի համար, որ դաշտային պարապմունքների ընդմիջումներին մանրամասն հետաքրքրվում է մեր անցած կյանքով։
Դայնեկան նման չէ Զուբին։ Նա հրամայում է ցածրաձայն, բայց երբեք չի թողնում առարկել։ Ավելին, նրա հրամանները երբեմն թվում են անիրագործելի, բայց ասվում են այնպիսի խոր համոզմունքով, որ իրագործվում են լրիվ ու ճիշտ ժամանակին։
— Գիշերային կրակավարժության համար հարկավոր են կարմիր ու կանաչ լապտերներ։ Դրանք պատրաստ կլինեն ժամը 9֊ին։ Տասին կսկսենք վարժությունը։ Բաղմանյա՛ն, ապահովել լապտերները, ստուգելու եմ ինն անց հինգ րոպե...
Շուրջն ամայի է, միայն չորս կիլոմետր հեռու, ինչ֊որ ձորակում երկաթուղային կիսակայարան կա՝ պատերազմից ու մենակությունից խեղճացած մի հատիկ տնակով։ Որտեղի՞ց գտնել գունավոր լապտերները։
Բայց հրամանը գալիս է կապիտան Դայնեկայից։
Տիգրանը կարճ ասում է.
— Լսում եմ։
Ճաշից հետո Զուբն ազատում է երեքիս՝ ինձ, Զալիբեկին ու Տիգրանին։
— Եթե լապտերները չլինեն, չնեղանաք,— սպառնալից ասում է նա։
Տիգրանը գլուխ է տալիս.
— Կլինեն, մոնսինյոր։
Ես չգիտեմ, թե ինչ է մտածում Տիգրանը, բայց հավատացած եմ, որ լապտերները կլինեն, քանի որ նա խոստացավ Դայնեկային։
Գնում ենք կիսակայարան։ Ճանապարհին Տիգրանը լուռ է։ Կարծես թե մեկը փոխել է նրան. բոլոր հնարավորություններն ունի Զալիբեկին ձեռ առնելու, բայց չի օգտվում առիթից։ Զալիբեկն այնքան է զարմացել, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ հարցնում է.
— Տիգո՞։
— Հը՞։
—Ինչի՞ չես խոսում։
— Ի՞նչ։
— Հիվանդ հո չե՞ս։
— Չէ։
— Բա՞։
— Գլուխս մի տանի։
— Դու գիտես,— հառաչում է Զալիբեկը։
... Կիսակայարանում մեկը կաղում է նեղլիկ կառամատույցի վրա։ Մենք մոտենում ենք նրան։
— Բարև,— ասում է Տիգրանը։
— Ի՞նչ կա։
— Հեչ, բարև։
— Բարև, եթե ուզում ես։
— Ձանձրալի՞ է։
— Մի կերպ կապրենք։
— Գիտեք ինչ, ես ոչ մի մեղք չունեմ, որ ձեզ մոտ ձանձրալի է։
— Ուրեմն գնա քո ճամփեն։
— Եկեք միասին ձանձրանանք, պահածոներն ինձնից։— Տիգրանը ցույց է տալիս Զալիբեկի ուսի տոպրակը, որտեղ տեղավորված են ընթրիքի համար ստացած մեր պահածոները։
Կաղը գործնական հարցնում է.
— Օղի կա՞։
— Չկա։
Կաղը մտորում է երկար, հետո հառաչանքով ասում.
— Գնանք։
... Տունը ցուրտ է, կեղտոտ, թախտի վրա փաթաթված է անկողինը, սեղանին մոմլաթ է գցած, անկյունում դրված են գունավոր դրոշակներն ու լապտերները, պատի կեռից երկաթուղայինի կարմիր գլխարկ է կախված։
— Տեղավորվեցեք,— ասում է կաղը,— ես գնամ օղու։
Զալիբեկն ուշադիր զննում է լապտերները։
— Տիգո։
— Չոռ։
— Եսիմ ուր գնաց։ Ախար ռազ֊ռազ...
— Ձայնդ կտրի, ապուշ։
— Լավ, մի տաքանա,— համաձայնում է Զալիբեկը։
... Դեղին հեղուկով լցված ջրամանը ձեռքին ներս է մտնում կաղը։
Լուռ շարվում ենք սեղանի առաջ։ Տիգրանը Զալիբեկի տոպրակից հանում է հաց, երշիկ ու երեք պահածոները։ Կաղը կեղտոտ բաժակներ է բերում։
Զալիբեկն ափսոսանքով է նայում պահածոներին, Տիգրանն՝ անտարբեր. չգիտեմ ինչու խմել եմ ուզում։ Կաղը լցնում է բաժակները.
— Ծանոթանանք, իմ անունը,— ժպտում է,— անունս Իվան է։
Տիգրանն ասում է մեր անունները։
Կաղը բաժակը հպում է մեր բաժակներին.
— Կարոտում եմ,— խոստովանում է նա,— մի մարդ էլ չկա, թե հետը խոսես։
— Կին չունե՞ս,— հարցնում է Տիգրանը։
— Կին,— անորոշ ասում է Իվանը,— չգիտեմ,— երկար լռում է, հետո ասում խռպոտ,— ինչ որ է, ձեր կենացը։
— Ձեր կենացը։
— Ձեր կենացը։
— Ձեր կենացը։
Խմում ենք։
Տնային օղին այրում է կոկորդս։ Զալիբեկը դանակով բացում է պահածոները։
Խմում ենք երկրորդ անգամ, երրորդ, չորրորդ։ Իվանը ոչինչ չի ուտում, աչքերը խոնավացել են։
— Կե՛ր,— առաջարկում է Զալիբեկը։
Իվանը ցույց է տալիս պիջակի մազութոտ թևը ու, չգիտես ինչու, հանկարծ ասում.
— Բրեստում եղե՞լ եք։
— Չենք եղել,— պատասխանում է Տիգրանը։
Իվանի աչքերն ավելի են խոնավանում։
— Իմ տունն էնտեղ էր։
Տիգրանը լցնում է բաժակները։
— Իվա՛ն։
— Դե՞։
— Մեզ երկու լապտեր է հարկավոր։
— Կարմիր ու կանա՞չ։
Զալիբեկը զարմանում է.
— Ո՞նց իմացավ։
Իվանը տխուր ժպտում է.
— Գիշերային կրակավարժությո՞ւն ունեք։
Տիգրանը գլխով է անում։
Իվանը բարձրացնում է բաժակը.
— Ժամը քանիսի՞ն է։
— Իննին։
— Կտամ, պայմանով։
— Ի՞նչ պայման։
— Մինչև ժամը ութը պահակ կկանգնեք սեմոֆորիս մոտ։
— Ինչո՞ւ։
— Ուրիշներն էլ կգան, սեմոֆորի գունավոր ապակիները... մի խոսքով...
— Կանգնեցինք,— ասում է Տիգրանը։
— Խմեք,— առաջարկում է Իվանը։
Տիգրանը հրաժարվում է։
— Խմեք,— կրկնում է Իվանը,— ասում եք Բրեստում չե՞ք եղել։
— Չէ։
— Ափսոս, իմ տունն էնտեղ էր։
Զալիբեկն այլևս ափսոսանքով չի նայում պահածոներին։ Օրորվելով դուրս ենք գալիս Իվանի խրճիթից։
Տիգրանը Զալիբեկին նստեցնում է սեմոֆորի տակ։
— Մարդ չմոտենա։
— Քեզ տես,— ժպտում է Զալիբեկը։
Զալիբեկը մնում է։ Ես ու Տիգրանը կրկին գնում ենք կիսակայարան։ Իվանը քնած է խոնավ աչքերով, իսկ կեղտոտ կառամատույցի վրա երկու֊երեք հավ, ապարդյուն, կուտ են որոնում։ Թախիծը կրծում է սիրտս։ Տիգրանն անսովոր տխուր է։
— Տիգո։
— Հը՞։
— Տխուր ես։
— Կանցնի։
Ու հանկարծ, կարծես ինքն իր համար, ասում է ցածրաձայն.
— Բրեստը գրավել են։
— Պատերազմ է,— հառաչում եմ ես։
— Սխալ է,— սրտանց ասում է Տիգրանը։
— Ո՞վ է մեղավոր։
— Ով գիտի, բոլորը։
— Բայց մենք...
Տիգրանը բարկանում է.
— Իսկ ինչո՞ւ ենք նահանջում։
Ինչո՞ւ ենք նահանջում, մտածում եմ ես։ Մի՞թե վատ են կռվում մեր մարդիկ, մի՞թե պակասում է քաջությունը, ատելությունը, սերը։ Խելոք է ինձնից, անպայման խելոք է, բայց չգիտես ինչու ինձ է հարցնում։
Տիգրանը քայլում է առջևից ու կարծես ինքն իրեն մտորում.
— Կռվողներն իհարկե մեզանից վատը չեն, այստեղ ուրիշ բան կա, ուրիշ... Երկու լապտերի համար կիսակայարանի Իվանի հետ օղի խմիր... Հրանոթները ձիերով ենք քաշում...
Լռում է, հետո ավելացնում դառնացած.
— Բրեստը գրավել են, իսկ այստեղ Զուբի նման տիկնիկները կանոնադրություն են խաղում փայլեցրած կոշիկներով։
Ինչ֊որ բան ճիշտ չէ, ինչ֊որ բանի դեմ պիտի ըմբոստանալ, բայց ես միայն նեղացած փնչացնում եմ, իսկ Տիգրանն ավելի ու ավելի է մռայլվում.
— Դայնեկային բանտից ազատել են պատերազմ հայտարարելու օրը։ Ինչու միայն Դայնեկան։ Ասում են գեներալներ էլ կան, որ մինչև երեկ բանտերումն էին... Ձեզանից մարդ չե՞ն տարել։
— Չէ,— չոր ասում եմ ես։
— Իմ եղբայրներին տարան... Ես, իհարկե, փոքր էի, բայց ախր նրանք աշխարհի ամենաազնիվ մարդիկ էին, Արամ։
— Հարբած ես, դուրս ես տալիս։
— Չէ, հիմա եմ լուրջ,— գոռում է Տիգրանը։— Իմ եղբայրները թշնամիներ չէին։ Այստեղ ինչ֊որ թյուրիմացություն կա։ Դայնեկան էլ չէր կարող թշնամի լինել։
Քանդվում է ինչ֊որ բան, փշրվում ցավագնորեն։ Տիգրանը չէ, թեկուզ հայրս էլ լինի, ես ոչ ոքի թույլ չեմ տա փշրելու ամենաթանկագինը։ Ձեռքերս դողում են։ Դատարկ կառամատույցի վրա ինքնաբերաբար պարզվում է հրացանս.
— Սողո՛ւն...
Տիգրանը շրջվում է, թախծոտ ժպտում.
— Ավելորդ է, բարոն, միևնույն է, դուք ինձ սպանելու ունակ չեք։ Կա ավելի հեշտ ճանապարհ։ Զեկուցեցեք Քրիստոսի անասունին, Զուբը շնորհակալ կլինի...
Լսվում է կրակոց։ Ես ցնցվում եմ։
— Զալիբեկն է,— գոռում է Տիգրանը։
Վազում ենք դեպի սեմոֆորը։
Զալիբեկն այնտեղ արդեն մենակ ծեծում է չորրորդ մարտկոցի երկու զինվորների։ Փնչում է, անորոշ փնթփնթում.
— Շան որդիք, ես ձեր միլորդ հերն եմ անիծել։ Էն մարդու տունը մնաց Բրեստ։ Բրեստն առել են, սրանք եկել են սեմոֆորի ապակիները գողանան, շան որդիք... թող աստված ների մեղավորիս...
Մեր հայտնվելը վճռում է ընդհարման ելքը։ Չորրորդ մարտկոցի տղաները ծեծված փախչում են... Տիգրանը գովում է հարբած Զալիբեկին.
— Կոմս, ձեր զինանշանի վրա պետք էր առյուծ նկարել, մինչդեռ դուք նախընտրել եք աթարի դեզը...
— Ես դրանց միլորդ հերն եմ անիծել,— դեռ չի հանգստանում Զալիբեկը։
Ուղիղ ութին հեռանում ենք սեմոֆորի մոտից։ Իվանը տալիս է լապտերները։
Ինն անց հինգ Դայնեկան ստուգում է։ Լապտերները կան։ Ինն անց տասը Զուբը երեքիս էլ ուղարկում է հաուպտվախտ։ Նա մեղք չունի. Զալիբեկը բուրում է օղու տակառի նման, իսկ չորրորդ մարտկոցի տղաները չեն մոռացել աչքերի տակ վառվող կապույտ «լապտերները»։
12
Քաղղեկի ձայնը փափուկ է, թավ։ Խոսելիս նրա ադամախնձորը վերուվար է անում։ Հոգնած աչքերը փակվում, բացվում են դժվարությամբ։ Ամբողջ դպրոցը գիտի քաղղեկ Երոշինի պատմությունը։ Մենք դեռ պատերազմին չենք հասել, մինչդեռ պատերազմը հարյուր հիսուներկու միլիմետրանոց հրանոթի նման անցել է Երոշինի վրայով։ Պատերազմի հենց առաջին օրը նրա տան վրա ռումբ է ընկել։ Երոշինին գրել են համագյուղացիները։ Հետո ընկերներն ուղարկել են հինգ տարեկան երեխայի վերջին նկարը... Երոշինը հրամանատարությանը խնդրել է իրեն ռազմաճակատ ուղարկել, մերժել են.
— Այստեղ ես հարկավոր։
Ոչ ոք նրա արցունքը չի տեսել, բայց և ոչ ոք չի լսել նրա ծիծաղը։ Երոշինը չի կռացել, թեև աչքերի տակ մութ կապույտ բծեր կան, ասում են չի քնում օրերով։
Այժմ նա նստած է սեղանի առաջ ու փափուկ ձայնով, հատ֊հատ ասում է իր առջև կանգնած երեք կուրսանտներին.
— Ես կարմրում եմ ձեր փոխարեն...
Ես ու Զալիբեկը ոչինչ չենք կարող պատասխանել։ Տիգրանի սրամտության պաշարը միանգամից սպառվել է։ Զուբն ուրիշ, այստեղ քաղղեկ Երոշինն է։
— Ի՞նչ ես մտածում, Բաղմանյան,— հարցնում է քաղղեկը։
Տիգրանը լուռ է։
— Լռում ես,— շարունակում է քաղղեկը,— դու, իհարկե չես վախենում ինձնից։
— Չեմ վախենում,— ժպտում է Տիգրանը։
— Ճիշտ է, վախենալու բան չկա,— ասում է Երոշինը,— ես ձեզ չեմ կանչել պատժելու համար, և դուք այդ գիտեք։ Իսկ ինչո՞ւ եք լռում, ուզո՞ւմ եք ասեմ։ Ես գիտեմ, թե դուք հիմա ինչ եք մտածում։
— Ի՞նչ,— հարցնում է Տիգրանը։
— Սխալ է, մտածում եք, որ Զուբը մարդավարի խոսել ու ժպտալ չգիտի, սխալ է, որ Աղավնյակը ձի չի մաքրում, քնում է Զուբի սենյակում, լրտեսում է, քծնում։ Մտածում եք, որ մեր բանակում այդպիսի բաներ պետք է չլինեն, ճի՞շտ է։
— Ճիշտ է։
— Իրավացի եք։
— Ի՞նչ։
— Զարմացա՞ք։ Իրավացի եք ձեր տեսակետից։ Նստեցեք։
Նստում ենք։
— Եկեք հիմա էլ ուրիշ կերպ մտածենք։ Գերմանացին գալի՞ս է։
— Գալիս է։
— Այստեղ մենք ի՞նչ ենք անում։ Սովորում ենք։ Զուբը հազար ու մի թերություն ունի։ Գյուղից եկած տղա է։ Դպրոցն ավարտել է ձեր գալու նախօրյակին։ Իսկ դուք գիտե՞ք, որ նա մարզում առաջին նշանառուն է, որ երկարատև երթի ժամանակ երեք օր մնացել է առանց ջրի, որ ամենից վարժն է նշանացույցը քանդելու ու հավաքելու մեջ...
— Հետո՞ ինչ։
— Սովորեցեք։ Զուբը ձեր կյանքում միայն պատահական հանդիպում է։ Սովորեցեք, գրողը ձեզ տանի, շուտով ինքներդ սպաներ կդառնաք, ձեզ դասակներ կվստահեն...— Դիմում է Զալիբեկին.— Իսկ դու, Ծատուրյան, նշանացույցը քանդել, հավաքել գիտե՞ս։
— Իհարկե՛։
— Իսկ հրաձգարանում, վարժական կրակահերթի ժամանակ, չորս արկ ուղարկեցիր քամու հետևից։
— Սխալվեցի,— շփոթվում է Զալիբեկը։
— Իսկ Զուբը չի սխալվում։
Լռում ենք։
Ինձ թվում է, թե առարկելու շատ բան ունեմ։ Ինչ անենք, թե Զուբը մարզի առաջին նշանառուն է, Զուբի հերն էլ անիծած։ Զալիբեկը առաջին նշանառուն չէ և ոչ էլ Պավկա Դյոմինը։ Բայց Պավկա Դյոմինը մարդ է, ընկեր քաղղեկ։ Դուք էլ։ Այ, դուք ընտանիք եք կորցրել, կին, երեխա, բայց դրանից չի կարծրացել ձեր սիրտը։ Այն ժամանակ էլ, երբ մենք ձեզ մոտ էինք գալիս, հաստատ գիտեինք, որ չեք պատժելու, գիտեինք, որ փափուկ եք... Բայց զարմանալի է, ինչու նույնիսկ այս լողլողը, որ կարծես աշխարհին ծաղրով է նայում, սսկվել է ձեր առաջ...
— Կարելի՞ է գնալ,— հարցնում է Տիգրանը։
— Կարելի է։
Մենք ոտքի ենք ելնում։ Քաղղեկը հանկարծ հարցնում է Զալիբեկին.
— Քանի՞ տարեկան է Արտոն։
— Ո՞վ։
— Երեխադ։
— Դուք որտեղի՞ց գիտեք նրա անունը։
— Գիտեմ,— ժպտում է քաղղեկը.— ես նրանից նամակ եմ ստացել։
... Թղթի վրա անորոշ խզբզոցներ կան։ Դրանց տակ, կանացի ձեռագրով հայերեն գրված է. «Արտոն ինքնաթիռ է նկարել»։
Չորսով խոնարհվել ենք կարմիր մահուդով ծածկված սեղանին։ Զալիբեկի խոշոր քթի վրա արցունք է պսպղում։
— Ինձ համար նամակը թարգմանեցին,— թաքուն քնքշանքով ասում է Երոշինը,— լավ մարդ է ձեր կինը, Ծատուրյան...
Լուռ հեռանում ենք։
Երոշինը մնում է գլխիկոր նստած։ Սեղանի վրա, նրա առաջ Արտոյի նկարած ինքնաթիռն է։
Ես չգիտեմ ինչու դեռ մտածում եմ կիսակայարանի միջադեպի մասին. «Այստեղ ինչ֊որ թյուրիմացություն կա», ականջիս դեռ հնչում են Տիգրանի բառերը։ Մի՞թե թյուրիմացություն կա իսկապես... Ոչինչ չեմ հասկանում...
— Զուբի հերն էլ անիծած, Աղավնյակինն էլ,— չգիտես ինչու միջանցքում ասում է Զալիբեկը։
Տիգրանը բարձրացնում է գլուխը.
— Դուք ուրիշ բան էիք ուզում ասել, կոմս։
— Ի՞նչ։
— Ձեզ դուր է գալիս Երոշինը, նրա հետ ռազմաճակատ կգնայիք, ճի՞շտ է։
— Ճիշտ է։
— Ուրեմն զրույցն իզուր չէր։
13
Գնում ենք քաղաք։
Հազարից ավելի կուրսանտներ շարք են կանգնում։ Իհարկե, կինոսրահն այդքան մարդ չի կարող տեղավորել, բայց, վերջին հաշվով, մեր նպատակը կինոդիտումը չէ։ Հազարի մեծ մասը մի կրտսեր լեյտենանտի հսկողությամբ կմնա փողոցում։ Կուրսանտի համար դրանից մեծ երջանկություն չի կարող լինել։ Կինոյի շենքի առաջ կրտսեր լեյտենանտը մնացածներին մի երկու անգամ աջ դարձ, ձախ դարձ կանի (բարձրաձայն, որպեսզի մայթով անցնող քաղաքացիները նկատեն իր մեծավոր լինելը), հետո աստիճանաբար պետից սովորական մարդ կդառնա ու կկարգադրի.
— Ցրվե՜լ, կինոյի շենքից շատ չհեռանալ...
Մեծամասնությունը տեղացիներ են։ Ահա թե ինչու կինոյի շենքի առաջ և հարևան պուրակում աշխույժ իրարանցում է սկսվում։ Եկել են քույրերը, մայրերը, կանայք։ Պուրակում սիրահարների նման իրար են կպել տասը տարվա ամուսինները։ Մի տեղ պառավ մայրը կուշտ որդուն իր պատրաստած հալվայի, ով գիտե, որ կտորն է ուտեցնում։ Մայթի վրա
ջահել աղջիկը լաց չլինելու համար անընդհատ թարթում է աչքերը, իսկ դեմը կանգնած կուրսանտն ափսոսում է, որ աղջիկն եկել է ընկերուհու հետ։
Ես, Զալիբեկը, Գառնիկն ու Տիգրանը աննպատակ շրջում ենք խմբից֊խումբ։ Մեզ ամենուրեք հյուրասիրում են, ժպտում։ Մի պառավ Զալիբեկի գրպանն է խոթում ինչ֊որ փաթեթ։ Մի ուրիշը վրացերեն բան է հարցնում, ժպտում է, բայց, չգիտես ինչու, աչքերից արցունքներ են հոսում։
Պատուհանների ապակիներին սպիտակ թանձիվի խաչեր կան, շենքերի վրա հսկայական տրանսպարանտներ. «Ամեն ինչ ռազմաճակատի համար»։ Տիգրանը դրանց մասին ուզում է ինչ֊որ բան ասել, բայց Զալիբեկն ու Գառնիկը հրաժարվում են նրա մեկնաբանությունները լսել, գնում են անկյունի սպեկուլյանտից օղի գնելու։ Տիգրանի թիրախը մնում եմ ես, բայց նա չի սիրում ինձ ձեռ առնել։ Ես չեմ բարկանում, չեմ պատասխանում, մինչդեռ նրա ավյունը բորբոքելու համար առարկություն է հարկավոր։
Մայթով դանդաղ անցնում են երկու երիտասարդ։ Նրանք մաքուր են, լավ հագնված։ Տիգրանը չի կարող հանգիստ անցնել քաղաքացիական, այն էլ մաքուր հագուստի մոտով, մանավանդ եթե դրա տերը երիտասարդ տղամարդ է։ Ժպտալով մոտենում է անցորդներին։
— Հարգանքներս։
— Ի՞նչ եք ուզում։
— Ոչինչ,— ժպտում է Տիգրանը,— միայն ծանոթանալ։
Նա մեկնում է ձեռքը, ժպտում։ Երիտասարդը պատասխանում է նույն կերպ.
— Շատ ուրախ եմ։
— Ի՞նչ կա աշխարհում,— անմեղ հարցնում է Տիգրանը։
— Է՛հ,— հառաչում է երիտասարդը,— ինչ կարող է լինել, լուսաքողարկում։
— Վա՛յ, վա՛յ, վա՛յ,— գլուխն օրորում է Տիգրանը,— մի՞թե ամբողջ գիշեր։
— Իհարկե։
— Բա ի՞նչ եք անում,— հուսահատ հարցնում է ընկերս,— այդպես հո կարելի է ձանձրույթից մեռնել։
— Էլ մի ասի,— սրտանց ասում է երիտասարդը,— հավաքվում ենք մեկի մոտ, ձանձրանում։
— Գոնե խաղո՞ւմ եք։
— Խաղում ենք։
— Խոսո՞ւմ։
— Հասկանալի է։
— Լավ աղջիկներ կա՞ն,— աչքով է անում Տիգրանը։
— Ա՛հ,— արհամարհական կտրում է թեթևսոլիկ երիտասարդը։
— Զահրումա՛ր,— հանկարծ ասում է Տիգրանը։
— Ի՞նչ։
Տիգրանը բռնում է շշմած տղային, երեսը դարձնում դեպի հսկայական շենքը, որի վրա կպցրած է ծանոթ տրանսպարանտի միլիոներորդ տարբերակը.
— Բարի եղեք կարդալ, սինյոր, աչքերս չեն ջոկում։
Տղայի ընկերն աննկատ ծլկել է։ Տղան հանկարծ խեղճանում է ու տրանսպարանտը կարդալու փոխարեն կցկտուր արդարանում.
— Ես... ես բրոնյա ունեմ... Իմ թոքերը թույլ են...
— Առաջինին հավատում եմ, դա ձեզ համար վատ չէ, միլորդ...
— Ազնիվ խոսք։
Մեր մոտով անցնում, է մի բարձրաստիճան զինվորական։ Ես պատվի եմ առնում, Տիգրանը թափով գրկում է ծանոթ տղային.
— Գրիշ, սիրելիս...
Զինվորականը ներողամիտ ժպտում է, ըստ երևույթին մտածելով, թե ներկա է կարոտած ընկերների պատահական հանդիպման։ Անցնում է, մինչդեռ քաղաքացիական հագուստով տղայի ոսկորները ճարճատում են Տիգրանի գրկում։
— Վերջապես հանդիպեցինք...
Տիգրանի թևերի օղակն ավելի ու ավելի է սեղմվում։ Ես զգում եմ, որ միջամտելու ժամանակն է, անծանոթը կարող է ուշաթափվել.
— Տիգրա՛ն։
— Սպասիր։
— Տիգրա՛ն։
Տիգրանը բաց է թողնում տղային, սա դանդաղ նստում է մայթի եզրին։
— Դու հոգի չունես,— կշտամբանքով ինձ է դիմում Տիգրանը,— երկար անջատումից հետո մարդը հանդիպել է մտերիմ ընկերոջը, իսկ դու ցցվել ես չոր ծառի նման, գոնե հուզվեիր։— Դիմում է տղային.— Ոտքի ելեք, միլորդ, ձեր շալվարը կփչանա...
Անծանոթի աչքերում սառել է պաղատանքը։ Ես անկեղծ խղճում եմ նրան։
— Գուցե իսկապես թոքերը...— հայերեն ասում եմ Տիգրանին։
— Երկուսը միասին չի լինում,— պատասխանում է Տիգրանը,— և բրոնյա, և թոքերը։
Ես նկատում եմ, որ մեր շուրջն աստիճանաբար մարդիկ են հավաքվում։
— Ամոթ է,— ասում եմ Տիգրանին,— գնանք։
— Հեռացեք մոնսինյոր,— դժկամ ասում է Տիգրանն անծանոթին։
Տղան չի հասկանում նրան։
Տիգրանը մոտենում է, պարզում ձեռքերը։ Անծանոթը սարսափած կծկվում է, բայց ընկերս քնքշանքով բարձրացնում է նրան, կանգնեցնում մայթին, թափ տալիս շալվարը.
— Ցտեսություն։
Տղան օրորվելով ու ետ֊ետ նայելով հեռանում է։ Ամեն անգամ, երբ նա ետ է նայում, Տիգրանը մտերիմ ժպտում է նրան, հետո հավաքվածներին բացատրում.
— Տես է, հանկարծ վատ զգաց խեղճ տղան, հիվանդ է երևի, եթե չբռնեինք տապալվելու էր...
Մարդիկ հեռանում են։
... Զալիբեկն ու Գառնիկը գալիս են խմած։ Զալիբեկը խորամանկության կաթիլ անգամ չունի։ Նրա գրպանից երևում է օղու շիշը։
Տիգրանը ներողամիտ օրորում է գլուխը.
— Ախ, կոմս, ձերդ ապուշություն, դուք ձեր գրպանում հինգ օրվա հաուպտվախտ եք փոխադրում, սըր։ Բարեհաճեցեք ինձ հանձնել շիշը...
— Առ, Տիգո ջան, ես քու ցավը տանեմ,— փողոցով մեկ գոռում է քնքշացած Զալիբեկը։
Շիշը կորչում է Տիգրանի համազգեստի գաղտնագրպանում։
Կրտսեր լեյտենանտն անցնում է մեր մոտով, Զալիբեկը քաղցր ժպտում է նրան։
— Խմա՞ծ ես։
Զալիբեկը լռում է։
— Խմած է,— հուսահատ ասում է Տիգրանը։
Սպասում ենք որոտի, բայց հանկարծ կրտսեր լեյտենանտը ժպտում է.
— Սուսուփուս տեղ կհասցնեք։ Ձեր պատճառով նկատողություն ստանալու հավես չունեմ, տղերք։
Տիգրանը պատվի է առնում։ Կրտսեր լեյտենանտի հեռանալուց հետո նա մտախոհ նայում է Զալիբեկին ու մեղմ ասում.
— Լավ տղա է երևում։ Եթե ձեր պատճառով գլխացավանքի մեջ ընկնի, կոմս, հաուպտվախտից դուրս գալուց հետո ես ձեզ կջարդեմ, պայմանավորվեցի՞նք։
— Բա ոնց, Տիգո շան,— ուրախ համաձայնում է Զալիբեկը։
Մինչ մենք զբաղված ենք հաճելի դիվանագիտական զրույցով, անցնում է մի կարճահասակ, բարալիկ ու սիրուն աղջիկ։ Տիգրանը հանկարծ լրջանում է.
— Էթերի՜։
Աղջիկը զարմացած կանգ է առնում։
— Բարև ձեզ,— ասում է Տիգրանը։
— Բարև,— պատասխանում է աղջիկը,— դուք ո՞վ եք, ես ձեզ չեմ հիշում։
— Պատահական անուն ասացի,— ժպտում է Տիգրանը,— բախտս բանեց։ Եթե տհաճ է, ներեցեք։ Եթե ոչ, ծանոթանանք, ես Տիգրան Բաղմանյանն եմ, Երևանից, հասակիս մի նայեք, բարի տղա եմ,— ցույց է տալիս Զալիբեկին,— սա Զալիբեկն է, ապարանի կոմսը, ամուսնացած է, անվտանգ։ Ձեր գալուց առաջ մենք կոմսի հետ քննում էինք այն հարցը... Բայց դա կարևոր չէ...
Քաղցրացած Զալիբեկը ժպտում է Տիգրանին, ժպտում է աղջկան, ժպտում է աշխարհին, իսկ Տիգրանը խոսում է, հա խոսում.
— Ես կոմսին համոզում էի, թե մի շիշ օղու համար չարժե վատնել ռազմական ուսման թանկագին ժամանակը հինգ օր հաուպտվախտում նստելով, նամանավանդ, որ գլխացավանքի մեջ կարող է ընկնել մի ազնիվ ասպետ։
— Ճիշտ է,— համաձայնում է Զալիբեկը։
— Կոմս, դուք բարեհաճեցեք լռել,— ասում է Տիգրանը,— ախր դուք նույնիսկ լուրջ ժամանակ չեք փայլում խորամտությամբ։
— Ճիշտ է, Տիգո ջան։
Աղջիկը ծիծաղում է.
— Ինչ տարօրինակ տղա եք։
Նույն քաղաքակիրթ տոնով Տիգրանը ներկայացնում է նաև ինձ ու Գառնիկին։
Էթերին կանգնում է մեզ հետ։ Միանգամից օրը պայծառանում է։ Ետ են գալիս պատանության խաղաղ տարիները։ Նա քրոջ նման ժպտում է բոլորիս ու մտախոհ խոստովանում.
— Սովորելու ոչ մի ցանկություն... Երկու եղբայրներս...
Տիգրանը ձեռքը դնում է աղջկա նիհար ուսին.
— Հարկավոր չէ։
Աղջիկը հեռանում է։ Տիգրանը երկար նայում է նրա հետևից։
Կինոյի շենքից կանաչ գետի նման դուրս է հորդում մերոնց շարքը։
— Շարվի՜ր,— կարգադրում է կրտսեր լեյտենանտը։
Մոտիկ պուրակում մայրը հալվայի վերջին կտորը խոթում է որդու գրպանը։ Սիրահար ամուսինները պոկվում են միմյանցից։ Տիգրանն առաջնորդ այծի նման անցնում է շարքի գլուխը։ Ես ու Գառնիկը հարբած Զալիբեկին առնում ենք մեր մեջ։
— Թա՛փ, թա՛փ, թա՛փ,— ասֆալտապատ փողոցը բողոքում է ոտքի հարվածներից։
Անկյունում, մայթի վրա, կանգնած է Էթերին։ Տիգրանն ու նա նկատում են իրար։ Էթերին բարալիկ մատները հպում է շուրթերին։ Տիգրանը ժպտում է տամուկ աչքերով...
Փառք աստծո, անվտանգ հասնում ենք զորանոց, ոչ ոք չի նկատում Զալիբեկի հարբածությունը։
Այդ օրը Տիգրանն առաջին անգամ Զուբին բարևում է մարդավարի.
— Բարև ձեզ, ընկեր լեյտենանտ։
Զուբը կասկածանքով նայում է նրան։
— Կատակ չեմ անում, ազնիվ խոսք։
— Բարև,— կասկածամիտ փնչացնում է Զուբը։