«Մարտին Իդեն, Գլուխ XIX»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XVIII|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XX}} Ռութն ու իր...»:)
(Տարբերություն չկա)

22:29, 19 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XVIII Մարտին Իդեն, Գլուխ XX ▶


Ռութն ու իր ամբողջ ընտանիքը վերադարձան Օքլենդ, և Մարտինը նորից սկսեց տեսակցել նրա հետ։ Ստանալով գիտնականի աստիճան՝ Ռութը դադարեց սովորելուց։ Իսկ Մարտինը, աշխատանքում վատնելով իր հոգու և մարմնի ամբողջ ուժը չէր գրում այլևս։ Դա նրանց հնարավորություն էր տալիս ավելի հաճախ տեսակցել, և նրանք էլ ավելի մտերմացան։

Սկզբում Մարտինը միայն հանգստանում էր, ոչինչ չէր անում։ Նա շատ էր քնում, շատ էր մտածում, ընդհանրապես վարվում էր այնպես, ինչպես մի մարդ, որը ուժգին ցնցումից հետո ուշքի է գալիս։ Նրանում աստիճանաբար հայտնաբերվող զարթոնքի առաջին նշանն այն էր, որ սկսեց հետաքրքրվել թերթերով։ Հետո նորից սկսեց կարդալ՝ նախ բանաստեղծություններ և գեղարվեստական գրականություն․ մի քանի օր անց ամբողջ էությամբ խորասուզվեց վաղուց մոռացված Ֆիսքի ընթերցանության մեջ։ Նրա ապշեցուցիչ առողջությունն օգնեց վերականգնելու կորցրած կենսական ուժը, և նա վերստին ձեռք բերեց երիտասարդության ամբողջ հուրն ու բոցը։

Ռութը չափազանց տրտմեց, երբ Մարտինը հաղորդեց նրան, որ կգնա նավարկության՝ հենց որ բոլորովին հանգստանա։

— Ինչո՞ւ,— հարցրեց աղջիկը։

— Դրամ է հարկավոր,— պատասխանեց նա,— ինձ դրամ է հարկավոր հրատարակիչների վրա նոր գրոհ սկսելու համար։ Դրամ և համբերություն՝ դա ամենալավ զենքն է այդ պայքարում։

— Բայց եթե ձեզ հարկավոր է միայն դրամ, ինչո՞ւ չմնացիք լվացքատանը։

— Որովհետև լվացքատունն ինձ վերածում էր անասունի. այդպիսի աշխատանքը հարբեցողության է մղում։

Ռութը սոսկումով նայեց նրա վրա։

— Դուք ուզում եք ասել․․․— սկսեց աղջիկը։

Մարտինը հեշտությամբ կարող էր թաքցնել նրանից ճշմարտությունը, բայց նա չէր կարող հանդուրժել սուտը․ միաժամանակ հիշեց իր վաղուցվա որոշումը՝ միշտ ճիշտ խոսել, ինչ էլ որ լինի հետևանքը։

— Այո՛,— ասաց նա,― մի քանի անգամ պատահել է։

Ռութը ցնցվեց և ետ քաշվեց նրանից։

— Իմ ծանոթներից ոչ ոքի հետ դա չի պատահում։

— Երևում է, որ նրանցից ոչ ոք չի աշխատել «Տաք աղբյուրների» լվացքատանը,— առարկեց Մարտինը դառը ծիծաղով։— Աշխատանքը պատշաճ է բոլորին և ամեն մի մարդու. աշխատանքն օգտակար է, այդ են ասում քարոզիչները. և աստված վկա, ես երբեք չեմ ծուլացել աշխատելիս։ Բայց ամեն ինչի չափավորն է լավ. իսկ լվացքատանն այդ չափավորությունը չկար։ Այդ պատճառով էլ վճռեցի նավարկության գնալ։ Դա կլինի իմ վերջին նավագնացությունը։ Իսկ վերադառնալուց հետո կկարողանամ հաղթահարել հրատարակիչներին։ Ես վստահ եմ դրանում։

Ռութը լռում էր. տխուր էր և դժգոհ, և Մարտինը զգում էր, որ աղջիկը չի հասկանում, թե ի՜նչ ապրումներ է ունեցել ինքը։

― Երբևէ ես կնկարագրեմ այդ բոլորը մի գրքում, որի անունը կլինի «Աշխատանքի ստորացումը» կամ «Հարբեցողության հոգեբանությունը բանվոր դասակարգում» և կամ այդպիսի մի բան։

Առաջին ծանոթությունը նկատի չունենալու դեպքում, նրանք դեռ երբեք իրարից այնքան հեռու չէին եղել։ Նրա անկեղծ խոստովանությունը, որի հետևր թաքնված էր նրա հոգու վրդովմունքը, վանեց Ռութին։ Բայց հենց այդ հեռացումը նրան ավելի ապշեցրեց, քան դրա պատճառը։ Ռութը միայն հիմա զգաց, թե ինչքան մոտ էին նրանք իրար, և նա ուզում էր ավելի մտերմանալ։ Աղջկա հոգում ծագում էին անմեղ երազներ՝ Մարտինին ուղղելու մասին։ Ռութը ուզում էր փրկել այդ պատանուն, որը շեղվել էր ուղիղ ճանապարհից, փրկել նրան իր շրջապատից, փրկել հենց իրենից՝ թեկուզ նրա կամքին հակառակ։ Աղջկան թվում էր, թե իրեն ղեկավարում էին վերացական և ազնիվ դրդումները, և չէր կասկածում, որ այդ բոլորի հետևում թաքնված է միայն Խանդն ու սիրելու ցանկությունը։

Նրանք հաճախ ման էին գալիս հեծանվով, քաղաքից շատ հեռու էին գնում աշնան պարզ եղանակին, և այնտեղ իրենց համար սիրելի բլուրներում հերթով կարդում էին ազնիվ, վսեմ բանաստեղծական երկեր, որոնք վեհ մտքեր էին ներշնչում։ Անձնազոհություն, համբերություն, աշխատասիրություն՝ ահա այն սկզբունքները, որոնք Ռութը կողմնակի կերպով աշխատում էր ներշնչել նրան, նկատի ունենալով իր հոր և միստր Բեթլերի օրինակը, ինչպես և Էնդրյու Քարնեգիի, որը լինելով ներգաղթած տղա՝ դարձավ «գրքերի արքա», և մատակարարում է ամբողջ աշխարհին։

Ռութի այդ բոլոր ջանքերը գնահատվեցին Մարտինի կողմից։ Նա հիմա ավելի լավ էր հասկանում աղջկա մտքերը, և նրա հոգին Մարտինի համար արդեն խորհրդավոր մի գաղտնարան չէր։ Նրանք զրուցում էին, մտքեր էին փոխանակում, ինչպես հավասարը հավասարի հետ, բայց այդ զրույցների ընթացքում առաջացող տարաձայնությունները չէին ազդում Մարտինի սիրո վրա։ Նրա սերն ավելի ուժեղ էր, քան երբևէ, որովհետև նա սիրում էր Ռութին այնպես, ինչպես որ կար, մինչև անգամ աղջկա ֆիզիկական դյուրաբեկությունը նրա աչքին առանձնապես հրապուրիչ էր երևում։ Մարտինը կարդում էր հիվանդոտ Էլիզաբեթ Բարրեթի մասին, որը շատ տարիներ ոտքը գետնին չէր դնում, մինչև որ վերջապես հասավ այն հիշատակելի օրը, երբ փախավ Բրաունինգի հետ և հաստատ կանգնեց հողին՝ բաց երկնքի տակ։ Մարտինը վճռեց, որ Ռութի համար կարող է անել այն, ինչ արել է Բրաունինգը իր սիրուհու համար։ Բայց ամեն բանից առաջ հարկավոր է, որ Ռութը սիրի իրեն. մնացածը հեշտ է։ Նա Ռութին կտա առողջություն և ուժ։ Մարտինը հաճախ էր երազում իրենց ապագա համատեղ կյանքի մասին, նա իրեն և Ռութին տեսնում էր աշխատանքով ստեղծված հարմարությունների և բարեկեցության մեջ։ Նրանք ընթերցում և խոսում են բանաստեղծության մասին, Ռութը, թեք ընկած բազմաթիվ գունավոր բարձերի միջև, բարձրաձայն կարդում է նրա համար։

Նրա աչքին միշտ հայտնվում էր միևնույն պատկերր՝ նրանց ամբողջ կյանքի պատկերը։ Երբեմն կարդում էր ոչ թե Ռութը, այլ ինքը, նրա իրանը գրկած, ընդ որում աղջկա գլուխը հանգչում էր իր ուսին, երբեմն նրանք նստած էին լինում իրար սեղմված և լռելյայն կարդում էին միևնույն գիրքը․ Ռութը սիրում էր բնությունը, և Մարտինի հարուստ երևակայությունը թույլ էր տալիս նրան փոխել դեկորները, որի ֆոնի վրա պարզվում էր նրանց հավանած տեսարանը։ Մերթ նրանք կարդում էին՝ ձորում նստած, շրջապատված բարձր ու սեպ ժայռերով, մերթ գտնվում էին լեռնային կանաչ մարգագետնում և կամ գորշ ավազակույտերում, որոնցից ոչ հեռու գոռում էին ծովի կոհակները․ մերթ նա տեսնում էր իրեն՝ Ռութի հետ միասին հրաբխային մի կղզու վրա, արևադարձային գոտու ինչ֊որ մի վայրում, ուր դղրդոցով թափվում էին ջրվեժները, որոնց կաթիլները, քամուց քշվելով, հասնում էին մինչև ծով։ Բայց միշտ էլ բնության այդ գեղեցկությունների ֆոնի վրա անփոփոխ գտնվում էին Մարտինը և Ռութը գիրք կարդալիս, իսկ ինքը՝ բնությունը ուներ երկրորդ, քնքուշ և մառախլապատ մի ֆոն՝ աշխատանքի, հաջողության և նյութական ապահովության պատկերով, որը և թույլ էր տալիս նրանց վայելել աշխարհի բոլոր գանձերը։

— Ես խորհուրդ կտայի իմ աղջկան մի քիչ ավելի զգույշ լինել,— ասաց մի օր Ռութի մայրը նախազգուշացման շեշտով։

— Գիտեմ, թե դու ինչի մասին ես խոսում, բայց դա անհնար է։ Նա չի...

Ռութը շփոթվեց ու կարմրեց․ դա շփոթվածություն էր մի աղջկա, որը առաջին անգամ իր մոր հետ էր խոսում կյանքի նվիրական գաղտնիքների մասին, որը նրա համար նույնպես նվիրական էր։

— Նա քեզ համապատասխան չէ,— լրացրեց մայրը նրա նախադասությունը։

Ռութը գլխով հավանության նշան արեց։

— Ես չէի ուզում այդ ասել, բայց դա այդպես է։ Նա շատ կոպիտ է, անտաշ, ուժեղ... նա չափազանց ուժեղ է. նա ապրել է ոչ․․․

Ռութը շփոթվեց և չկարողացավ շարունակել։ Նրա համար բոլորովին նոր երևույթ էր՝ մոր հետ այդպիսի բաների մասին՝ խոսելը։ Դարձյալ մայրը լրացրեց նրա միտքը։

— Նա ապրել է ոչ բոլորովին առաքինի կյանքով։ Ա՞յդ էիր ուզում ասել դու։

Ռութը նորից գլխով հավանության նշան տվեց և շիկնեց։

— Այո՛, ես հենց դա էի ուզում ասել։ Դրանում, իհարկե, նա մեղավոր չէ, բայց նա հաճախ իրեն պահել է․․․

— Վա՞տ։

— Այո՛, և նա երկյուղ է ազդում ինձ։ Ես երբեմն պարզապես սարսափում եմ լսելով, թե ինչպիսի հանգստությամբ է խոսում նա իր ամենախայտառակ արարքների մասին, կարծես առանձնապես ոչ մի անպատշաճ բան չլինի դրանում։ Բայց չէ՞ որ այդպես չի կարելի. ճիշտ չե՞մ ասում։

Նրանք նստած էին գրկախառն, և երբ Ռութը լռեց, մայրը փաղաքշանքով շոյեց նրան՝ սպասելով, որ աղջիկը կշարունակի։

— Բայց Մարտինը շատ է հետաքրքրում ինձ,— շարունակեց Ռութը,— նախ այն պատճառով, որ նա, մի տեսակ, իմ խնամակալության տակ է, հետո․․․ ես երբեք բարեկամ չեմ ունեցել երիտասարդների մեջ, թեպետ բոլորովին ճիշտ չԷ, որ նա բարեկամ է։ Նա միաժամանակ և՛ բարեկամ է, և՛ հովանավորյալ։ Երբեմն, երբ նա երկյուղ է ազդում ինձ, թվում է, թե ես բուլդոգի հետ եմ խաղում՝ խոշոր բուլդոգի, որը մռնչում է և ժանիքները ցույց տալիս և, ահա, պատրաստ է թոկից կտրվելու։

Ռութը նորից լռեց, իսկ մայրը սպասում էր։

— Ես նաև հետաքրքրվում եմ նրանով, ինչպես... բուլդոգով։ Բայց նրանում խիստ շատ են լավ կողմերը. նրանում շատ կան և այնպիսի բաներ, որոնք ինձ կխանգարեին․․․ այլ կերպ վերաբերվել նրան։ Տեսնում ես, որ ես մտածել եմ այդ բոլորի մասին։ Նա հայհոյում է, ծխում, խմում, բռնցքամարտի է մտնում. ինքն է պատմել ինձ այդ մասին, նույնիսկ ասել է, որ սիրում է ծեծկվել։ Նա բնավ էլ այն մարդը չէ, որին ես կուզենայի ունենալ․․․— Ռութի ձայնը կտրվեց, և նա մեղմ լրացրեց նախադասությունը,— որպես ամուսին։ Բացի այդ, նա չափից դուրս ուժեղ է։ Իմ սիրածը պիտի լինի նուրբ, բարեկազմ, գեղեցիկ, մազերը պիտի լինեն սև։ Ո՛չ, մի վախենա, ես չեմ սիրահարվի Մարտին Իդենին, դա ամենամեծ դժբախտությունը կլիներ ինձ համար։

— Ես դրա մասին չեմ խոսում,— խուսափողական տոնով ասաց մայրը,— բայց դու մտածե՞լ ես նրա մասին։ Ամեն տեսակետից այնքա՜ն անհարմար մարդ... և հանկարծ սիրի քեզ։

— Բայց նա... նա վաղուց է սիրում ինձ,― գոչեց Ռութը։

— Դա սպասելի Էր,— սիրալիր ասաց միսիս Մորզը։— Մի՞թե կարելի է, որ քեզ ճանաչող որևէ մարդ չսիրի քեզ։

— Ա՛յ, Օլնեյն ատո՜ւմ է ինձ,— բացականչեց Ռութը։— Ես էլ ատում եմ Օլնեյին։ Երբ նա մոտենում է ինձ, զզվանք եմ զգում, չգիտեմ ինչու, մինչև անգամ եթե այդ զգացումն էլ չեմ ունենում նրա նկատմամբ, նա, համենայն դեպս, ատելի է ինձ համար։ Իսկ Մարտին Իդենի հետ ես լավ եմ զգում ինձ։ Դեռ ոչ ոք չի սիրել ինձ — «այնպես» չի սիրել, բայց չէ որ հաճելի է «այդպես» սիրվելը։ Հասկանո՞ւմ ես, սիրելի մայր, թե ինչ եմ ուզում ասել։ Հաճելի է զգալ, որ իսկական կին ես․․․― Ռութը թաքցրեց իր դեմքը մոր կրծքում։— Դու իհարկե կմտածես, որ ես սարսափելի հիմարություններ եմ ասում, բայց ես, համենայն դեպս, անկեղծորեն ասում եմ այն, ինչ զգում եմ։

Միսիս Մորզը և՛ վշտացավ, և՛ ուրախացավ։ Դուստրը՝ գեղեցիկ արվեստների բակալավրն անհետացավ, հիմա նրա առաջ նստած է կին դուստրը։ Փորձը հաջողվել էր։ Ռութի բնավորության մեջ նկատվող տարօրինակ պակասությունը վերացել էր առանց վտանգի, առանց հիվանդագին հետևանքների։ այդ անշնորհք նավաստին կատարել է իր դերը, և թեպետ Ռութը նրան չի սիրում, բայց Մարտինը զարթեցրել է նրա մեջ կանացիությունը։

— Մարտինի ձեռքերը դողում են,— ասում էր Ռութը՝ ամոթից ծածկելով երեսը,— դա ծիծաղելի ու անմիտ է, բայց ես խղճում եմ նրան։ Իսկ երբ նրա ձեռքերը չափազանց ուժգին են դողում, իսկ նրա աչքերր փայլում են չափազանց վառ, ես խրատում եմ նրան և նշում նրա բոլոր սխալները։ Նա պաշտում է ինձ՝ այդ ես գիտեմ. նրա ձեռքերն ու աչքերր չեն ստում։ Իսկ այդ միտքը ինձ կարծես չափահաս կին է դարձնում՝ հենց միայն այդ միտքը։ Ես սկսում եմ զգալ, որ ունեմ մի բան, որ իրավացիորեն ինձ է պատկանում, և ես նմանվում եմ այն աղջիկներին․․․ և երիտասարդ կանանց։ Գիտեմ, որ ես անցյալում նրանց նման չեմ եղել, և դա մտահոգում էր քեզ։ Այսինքն՝ դու ինձ չէիր ցույց տալիս քո մտահոգությունը, բայց ես նկատում էի... և ուզում էի, ինչպես Մարտին Իդենն է ասում, «ավելի լավ լինել»։

Դրանք սրբազան րոպեներ էին մոր և դստեր համար, և երեկոյան աղջամուղջին նրանց աչքերն արտասվակալում էին։ Ռութն անմեղ, սրտաբաց և անփորձ, մայրը՝ կաթոգին, հասկացող և սովորեցնող։

— Մարտինը քեզանից չորս տարով փոքր է,― ասաց մայրը,— նա դիրք չունի հասարակության մեջ. ոչ մի տեղ չի ծառայում և ռոճիկ չի ստանում, շատ անգործնական է։ Եթե նա քեզ սիրում է, պետք է մտածեր այն բանի մասին, որն իրեն հնարավորություն և իրավունք կտար ամուսնանալու քեզ հետ, և ոչ թե զբաղվել ինչ֊որ պատմվածքներով և մանկական երազներով։ Վախենում եմ, որ նա երբեք խելահաս մարդ չդառնա։ Նա ձգտում չունի տղամարդուն վայել իր տեղը գրավելու կյանքում, ինչպիսի ձգտում ունեցել են քո հայրը, միստր Բեթլերը և առհասարակ մեր շրջանին պատկանող բոլոր մարդիկ։ Ինձ թվում է, որ Մարտին Իդենը երբեք դրամ չի վաստակելու։ Իսկ աշխարհն այնպես է կառուցված, որ դրամն անհրաժեշտ է, առանց դրամի երջանկություն չի լինում. իհարկե, ես խոսում եմ ոչ թե ահագին հարստության մասին, այլ պարզապես որևէ մշտական եկամտի մասին, որ հնարավորություն է տալիս պատշաճ կյանք վարելու։ Նա ոչ մի անգամ չի՞ խոսել իր զգացումների մասին։

— Ոչ մի բառ. մինչև անգամ չի էլ փորձել, ես չէի թողնի, որ նա խոսի այդ մասին։ Ես նրան բոլորովին չեմ սիրում։

— Ուրախ եմ, որ այդպես է։ Ես չէի ցանկանա, որ իմ դուստրը, իմ անարատ դուստրը սիրի այդպիսի մի մարդու։ Չէ՞ որ աշխարհում շատ կան ազնիվ, կարգին և անբասիր մարդիկ։ Սպասիր մի քիչ, մի գեղեցիկ օր դու կհանդիպես այդպիսի մարդու և կսիրես նրան, և նա էլ քեզ կսիրի։ Դու երջանիկ կլինես նրա հետ այնպես, ինչպես ես երջանիկ եմ եղել քո հոր հետ։ Դու երբեք չպիտի մոռանաս մի բան․․․

— Ի՞նչ, մամա։

Միսիս Մորզի ձայնը դարձավ մեղմ ու քնքուշ.

— Երեխաներին։

— Ես մտածել եմ այդ մասին,— խոստովանեց Ռութը՝ հիշելով այն անկոչ երազանքը, որը երբեմն համակում էր նրան, և դարձյալ կարմրեց ամոթից։

— Միստր Իդենը չի կարող քո ամուսինը դառնալ հենց երեխաների պատճառով,— բազմանշանակ շեշտով ասաց միսիս Մորզը․― երեխաները պետք է ժառանգեն մաքուր արյուն, իսկ Մարտինը հազիվ թե կարողանա տալ նրանց այդ արյունը։ Հայրդ պատմել է ինձ նավաստիների կյանքի մասին, և․․․ հասկանո՞ւմ ես։

Ռութը հուզմունքով սեղմեց մոր ձեռքը՝ զգալով, որ հասկանում է ամեն բան, թեև իր պատկերացրած սարսափելի և տարտամ բանը չէր ձևակերպվում որպես պարզորոշ միտք։

— Գիտես, մամա, ես ոչինչ չեմ անի՝ առանց քեզ ասելու,— սկսեց Ռութը․― միայն երբեմն դու ինքդ պետք է հարցնես ինձ, ինչպես ահա այսօր։ Ես դեռ վաղուց ուզում էի ասել քեզ այդ մասին, բայց չէի իմանում՝ ինչպես սկսել։ Դա, իհարկե, կեղծ ամոթխածություն է, բայց քեզ համար շատ հեշտ է օգնել ինձ։ Դու երբեմն պետք է հարցնես ինձ, հնարավորություն տաս ինձ արտահայտվելու։ Չէ՞ որ դու էլ կին ես, մամա,— հանկարծ ճչաց Ռութը՝ բռնելով մոր ձեռքերը և ուրախությամբ գիտակցելով այդ նոր, մինչև այժմ չգիատկցված հավասարությունը իր և մոր միջև։— Ես երբեք չէի մտածի այդպես, եթե դու չսկսեիր այդ խոսակցությունը։ Նախ պետք է, որ ես ինքս զգայի ինձ որպես կին, որպեսզի հասկանայի, որ դու էլ կին ես։

— Մենք երկուսս էլ կին ենք,— ասաց մայրը՝ գրկելով ու համբուրելով նրան,— երկուսս էլ կին ենք,— կրկնեց նա, երբ դուրս էին գալիս սենյակից իրար գրկած և հուզված՝ իրենց միջև նոր ծագած ընկերական մտերմության զգացումով։

— Մեր փոքրիկ դուստրը վերջապես կին դարձավ,― մի ժամ անց հպարտությամբ հայտարարեց միսիս Մորզն իր ամուսնուն։

― Այսինքն՝ դու ուզում ես ասել, որ նա սիրահարվա՞ծ է,— հարցրեց ամուսինը՝ հետաքրքրությամբ նայելով կնոջը։

— Ո՛չ, ուզում եմ ասել, որ նրան սիրում են,― պատասխանեց կինը ժպտալով։– Փորձը հաջողվեց, նրանում զարթնեց կինը։

— Այդ դեպքում պետք է հեռացնել Իդենին,— կարճ գործնական տոնով եզրակացրեց միստր Մորզը։

Բայց նրա կինը գլուխը շարժեց։

— Կարիք չկա, մի քանի օրից նա գնում է նավարկության, իսկ երբ կվերադառնա, Ռութը այստեղ չի լինի։ Մենք նրան կուղարկենք Կլարա մորաքույրի մոտ։ Ռութի համար շատ օգտակար կլինի մի տարի անցկացնել արևելքում, տեսնել այլ մարդկանց, այլ կյանք, փոխել կլիման, իրադրությունը։