«Օտարը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Օտարը |հեղինակ = Ալբեր Քամյու |թարգմանիչ = Աննա Հակոբյան |աղբյուր = }} Category:...»:)
(Տարբերություն չկա)

16:32, 21 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Օտարը

հեղինակ՝ Ալբեր Քամյու
թարգմանիչ՝ Աննա Հակոբյան

Մասն առաջին

I

Այսօր մահացել է մայրս։ Կամ՝ գուցե երեկ, չգիտեմ։ Հեռագիր ստացա ծերանոցից. «Մայրդ վախճանվեց։ Թաղումը վաղը։ Խորը ցավակցություններ»։ Բայց ինչ իմանաս, գուցե դա երեկ է եղել։

Ծերանոցը Մարենգոյում է, Ալժիրից ութսուն կիլոմետր հեռու։ Ժամը երկուսին ավտոբուս կնստեմ և օրվա երկրորդ կեսին տեղ կհասնեմ։ Այդպես ես կկարողանամ գիշերը մնալ մորս մոտ և վերադառնալ վաղը երեկոյան։ Պետիցս երկօրյա արձակուրդ խնդրեցի, և նա չկարողացավ մերժել. նման հարգելի պատճառ ունեի։ Բայց գոհ տեսք էլ չուներ։ Ես նրան անգամ ասացի. «Մեղավոր չեմ»։ Նա չպատասխանեց։ Այնժամ ես մտածեցի, որ իզուր նրան այդ ասացի։ Ի վերջո, արդարանալու ոչինչ չունեի։ Ավելի ճիշտ կլիներ, եթե նա ինձ ցավակցեր։ Անկասկած նա դա կանի վաղը չէ մյուս օրը, երբ ինձ տեսնի սգո հագուստով։ Իսկ հիմա կարծես մայրս դեռ չի մահացել։ Թաղումից հետո, ընդհակառակը, այս ամենն ավելի արժեքավոր կլինի և պաշտոնական տեսք կընդունի։

Ավտոբուս նստեցի ժամը երկուսին։ Շատ շոգ էր։ Սովորականի նման ճաշեցի ռեստորանում՝ Սելեստի մոտ։ Բոլորն էլ խորապես ցավակցում էին ինձ, իսկ Սելեստն ասաց. «Միայն մի մայր ենք ունենում»։ Երբ դուրս էի գալիս, ինձ ուղեկցեցին մինչև դուռը։ Ես մի քիչ շշմած էի, որովհետև հարկ եղավ բարձրանալ էմանուելի մոտ սև փողկապ ու սգո թևկապ վերցնելու, մի քանի ամիս առաջ նա կորցրել էր քեռուն։

Վազեցի, որ չուշանամ ավտոբուսից։ Հավանաբար այդ փութկոտության, վազքի, ինչպես նաև ցնցումների, բենզինի հոտի, ճանապարհի և երկնքի լուսացոլանքների պառճառով էր, որ թմրել էի։ Գրեթե ամբողջ ճանապարհին քնած էի։ Իսկ երբ արթնացա, հենված էի մի զինվորականի, որն ինձ ժպտաց ու հարցրեց՝ արդյոք հեռվի՞ց եմ գափս։ Ես ասացի՝ այո, որպեսզի այլևս չխոսեմ։

Ծերանոցը գյուղից երկու կիլոմետր է հեռու։ Այդ ճանապարհը ես անցա ոտքով։ Անմիջապես ցանկացա տեսնել մորս։ Բայց դռնապանն ասաց, որ պետք է նախ հանդիպեմ տնօրենին։ Եվ քանի որ նա զբաղված էր, ես փոքր-ինչ սպասեցի։ Այդ ընթացքում դռնապանն անընդհատ խոսում էր, իսկ հետո տեսա տնօրենին։ Նա ինձ ընդունեց իր առանձնասենյակում։ Փոքրամարմին մի ծերուկ էր Պատվո լեգեոնի շքանշանով։ Նայեց ինձ իր պայծառ աչքերով։ Հետո սեղմեց ձեռքս ու այնքան երկար այդպես պահեց, որ չգիտեի՝ ինչպես ազատվեմ։ Նա ինչ-որ անձնական գործ աչքի անցկացրեց ու ասաց.

― Տիկին Մյորսոն մեզ մոտ եկավ երեք տարի առաջ։ Դուք նրա միակ նեցուկն էիք։

Կարծեցի, թե ինչ-որ բանում մեղադրում է ինձ և սկսեցի բացատրել։ Բայց նա ընդհատեց.

― Դուք կարիք չունեք արդարանալու, բալիկս։ Ես կարդացել եմ ձեր մոր գործը։ Դուք ի վիճակի չէիք նրան խնամելու։ Նրան հիվանդապահուհի էր պետք։ Ձեր աշխատավարձր համեստ է։ Եվ, ի վերջո, ամեն ինչ հաշվի առնելով՝ նա այստեղ ավելի երջանիկ էր։

Ես ասացի.

― Այո, պարոն տնօրեն։

Նա ավելացրեց.

― Իսկ գիտե՞ք, որ այստեղ նա ընկերներ ուներ, իր հասակակիցները։ Նա կարող էր ընդհանուր հետաքրքրություններ ունենալ, որոնք պատկանում են մեկ այլ սերնդի։ Դուք երիտասարդ եք, թերևս նա ձանձրանար ձեզ հետ։

Դա ճիշտ էր։ Երբ մայրս տանն էր, առավոտից իրիկուն հայացքով լուռ հետևում էր ինձ։ Իսկ երբ արդեն ծերանոցում էր, առաջին օրերին հաճախ էր լաց լինում։ Պատճառր սովորությունն էր։ Մի քանի ամիս անց նա լաց կլիներ, եթե նրան տանեին ծերանոցից։ Եվ դարձյալ սովորության պատճառով։ Գուցե մի քիչ էլ այն պատճառով, որ վերջին ամիսներին ես նրան գրեթե չէի այցելում։ Որովհետև դա ինձնից խլում էր իմ կիրակին, չհաշված այն ճիգերը, որ ես գործադրում էի ավտոբուսին հասնելու, տոմս գնելու և երկու ժամվա ճանապարհ կտրելու համար։

Տնօրենը դեռ խոսում էր։ Բայց ես նրան գրեթե չէի լսում։ Հետո նա ասաց.

― Կարծում եմ՝ կուզենայիք տեսնել ձեր մորը։

Լուռ վեր կացա, և նա ինձ առաջնորդեց դեպի դուռը։ Աստիճանների վրա ինձ բացատրեց.

― Մենք նրան տեղափոխեցինք մեր փոքրիկ դիարանը։ Մյուսներին չհուզելու համար։ Ամեն անգամ, երբ ծերանոցում մեկը մահանում է, մյուսները երկու-երեք օր նյարդայնացած են լինում։ Իսկ դա դժվարացնում է մեր ծառայությունը։

Մենք անցանք բակով, որտեղ կային շատ ծերունիներ։ Նրանք զրուցում էին խմբերով։ Երբ անցնում էինք նրանց մոտով, լռում էին։ Մեր ետևից վերսկսում էին իրենց շատախոսությունը, որն ասես թութակների խուլ ճղճղոց լիներ։ Մի փոքր տան մուտքի մոտ տնօրենը բաժանվեց ինձնից.

― Ես թողնում եմ ձեզ, պարոն Մյորսո։ Միշտ պատրաստ եմ ձեզ ընդունել իմ առանձնասենյակում։ Ըստ կարգի՝ թաղումը նշանակված է առավոտյան ժամը տասին։ Մենք մտածեցինք, որ այդպես դուք կկարողանաք գիշերը մնալ հանգուցյալի մոտ։ Եվ վերջին բանը. ձեր մայրը, ասում են, հաճախ է ցանկություն հայտնել, որ իրեն թաղեն կրոնական ծեսով։ Ես անհրաժեշտ ամեն բան արել եմ, միայն ուզում էի ձեզ տեղյակ պահել այդ մասին։

Ես նրան շնորհակալություն հայտնեցի։ Մայրս թեև աթեիստ չէր, բայց կենդանության օրոք երբեք չէր հետաքրքրվել կրոնով։

Ներս մտա չափազանց լուսավոր, կրով սպիտակեցրած և ապակեծածկ առաստաղով սենյակ, որր կահավորված էր աթոռներով և իշոտնուկներով։ Դրանցից երկուսի վրա՝ կենտրոնում, դրված էր դագաղը, որի կափարիչը փակ էր։ Դարչնագույն ներկված տախտակների վրա երևում էին միայն փայլուն պտուտակները, որոնք շատ թույլ էին ամրացված։ Դագաղի մոտ նստած էր սպիտակ խալաթով ու վառ գլխաշորով արաբ հիվանդապահուհին։

Իմ ետևից անմիջապես ներս մտավ դռնապանը։ Երևի վազել էր։ Մի քիչ կմկմալով՝ ասաց.

― Դագաղը փակել են, բայց հիմա ես կբացեմ, որ տեսնեք նրան։

Մոտենում էր դագաղին, բայց ես կանգնեցրի նրան։ Նա հարցրեց.

― Չե՞ք ուզում։

Ես պատասխանեցի.

― Ոչ։

Նա կարկամեց, իսկ ես նեղվեցի, որովհետև զգացի, որ նման բան չպետք է ասեի։ Նա մի պահ նայեց ինձ ու հարցրեց.

― Ինչո՞ւ,– բայց առանց նախատինքի, ասես պարզապես իմանալու համար։

Ես ասացի.

― Չգիտեմ։

Այնժամ, ոլորելով ճերմակ բեղը, առանց ինձ նայելու նա հայտարարեց.

― Հասկանում եմ։

Նա ուներ գեղեցիկ, բաց երկնագույն աչքեր և կարմրավուն մաշկ։ Աթոռ առաջարկեց, ինքն էլ նստեց ինձնից մի քիչ ետ։ Հիվանդապահուհին վեր կացավ և ուղղվեց դեպի ելքը։ Այդ պահին դռնապանն ինձ ասաց.

― Շանկր ունի։

Եվ քանի որ չհասկացա, նայեցի հիվանդապահուհուն և տեսա, որ աչքերի տակից վիրակապ էր փաթաթված գլխի շուրջը։ Քթի ուռուցիկության փոխարեն փաթաթանի տակ հարթ տարածություն էր։ Դեմքի վրա երևում էր միայն վիրակապի սպիտակությունը։

Երբ նա գնաց, դռնապանն ասաց.

― Ես ձեզ մենակ եմ թողնում։

Չգիտեմ՝ ինչ շարժում արեցի, բայց նա կանգնած մնաց իմ ետևում։ Նրա ներկայությունը նեղում էր ինձ։ Սենյակը լեփ-լեցուն էր ետմիջօրեի լույսերով։ Երկու ձիաբոռ էին դզզում առաստաղի ապակիների վրա։ Եվ զգում էի, որ քունը հաղթում է ինձ։ Առանց շրջվելու նրա կողմր՝ հարցրի.

― Երկա՞ր ժամանակ է, որ այստեղ եք։

Նա իսկույն պատասխանեց.

― Հինգ տարի,– ասես վաղուց էր սպասում այդ հարցին։

Հետո սկսեց շատախոսել. շատ կզարմանար, եթե այն ժամանակ իրեն ասեին, որ կյանքի վերջում դռնապան է լինելու Մարենգոյի ծերանոցում։ Վաթսունչորս տարեկան էր, փարիզցի։ Այդ պահին ընդհատեցի նրան.

― Օ՜, դուք տեղացի՞ չեք։

Հետո հիշեցի, որ ինձ տնօրենի մոտ առաջնորդելիս՝ նա պատմում էր մորս մասին, ասում, որ պետք է նրան շուտափույթ թաղել, որովհետև այստեղ՝ հարթավայրում շոգ է, հատկապես այդ շրջանում։ Այդ ժամանակ իմացա, որ նա ապրել է Փարիզում և հիմա չի կարողանում մոռանալ այդ քաղաքը։ Փարիզում հանգուցյալին պահում են երեք, ամենաշատը՝ չորս օր։ Այստեղ ժամանակ չկա. դեռ չհաշտված մահվան մտքի հետ՝ արդեն պետք է վազել դիակառքի ետևից։ Կինն ընդհատեց նրան.

― Լռիր։ Դրանք պարոնին պատմելու բան չեն։

Ծերուկը կարմրեց ու ներողություն խնդրեց։ Ես միջամտեցի.

― Դե, ոչ, ոչինչ։

Իմ կարծիքով՝ նրա պատմածը անկեղծ էր ու հետաքրքիր։

Հետո, փոքրիկ դիարանում ինձ պատմեց, որ ծերանոց էր ընդունվել որպես չքավոր։ Բայց քանի որ իրեն առողջ էր զգում, խնդրել էր դռնապանի պաշտոնր։ Ես նկատեցի, որ նա վերջին հաշվով ծերանոցի թոշակառուներից է։ Նա պատասխանեց՝ ոչ։ Ինձ արդեն ապշեցրել էր նրա խոսելաձևը, երբ ասում էր «նրանք», «մյուսները» և ավելի հազվադեպ՝ «ծերերը», խոսելով մյուս թոշակառուների մասին, որոնցից շատերը իրենից ավելի տարիքով չէին։ Բայց, իհարկե, դա միևնույն բանր չէր, ինքը դռնապան էր և ինչ-որ չափով արտոնություն ուներ նրանց նկատմամբ։

Այդ պահին մտավ հիվանդապահուհին։ Երեկոն իջել էր անսպասելիորեն։ Խավարը շատ արագ էր թանձրացել ապակե առաստաղի վերևում։ Դռնապանը պտտեցրեց անջատիչը, և աչքերս կուրացան հանկարծակի ու շլացուցիչ լույսից։ Նա ինձ հրավիրեց ճաշարան ընթրելու, բայց ես քաղցած չէի։ Այդ ժամանակ նա ինձ առսւջարկեց մի գավաթ կաթով սուրճ։ Եվ քանի որ ես շատ եմ սիրում կաթով սուրճ, համաձայնեցի։ Եվ չանցած մի րոպե՝ նա վերադարձավ սկուտեղով։ Խմեցի։ Դրանից հետո ծխելու ցանկություն ունեցա, բայց տատանվում էի, որովհետև չգիտեի՝ մայրիկի մոտ կարելի՞ էր ծխել, թե՞ ոչ։ Հետո մտածեցի, որ դա բոլորովին նշանակություն չունի։ Մի ծխախոտ տվեցի դռնապանին, և մենք ծխեցինք։

Քիչ անց դռնապանն ասաց.

― Գիտեք, ձեր հարգարժան մայրիկի ընկերներն էլ են գալու, որ գիշերը մնան նրա մոտ։ Այդպես է կարգը։ Ես պիտի գնամ աթոռներ և սև սուրճ բերելու։

Ես հարցրի, թե հնարավո՞ր չէ հանգցնել լամպերից մեկը։ Ճերմակ պատերից անդրադարձվող լույսը հոգնեցուցիչ էր։ Նա ասաց, որ հնարավոր չէ. այդպես էր միացված՝ կամ բոլորը, կամ ոչ մեկը։ Ես այլևս ուշադրություն չդարձրի նրան։ Նա գնաց, եկավ, տեղավորեց աթոռները։ Դրանցից մեկի վրա՝ սրճամանի շուրջը, շարեց գավաթները։ Հետո նստեց իմ դիմաց՝ մորս մյուս կողմը։ Հիվանդապահուհին էլ էր այնտեղ՝ մեջքով դեպի ինձ։ Ես չէի տեսնում՝ ինչ էր անում նա, բայց ձեռքերի շարժումներից կարող էի գուշակել, որ հյուսում էր։ Բավական զով էր, սուրճն ինձ ջերմացրել էր, իսկ բաց դռնից ներս էր թափանցում գիշերվա և ծաղիկների անուշաբույրը։ Թերևս մի քիչ ննջեցի։

Ինչ-որ մեկը դիպավ ինձ ու արթնացրեց։ Աչքերս փակ՝ սպիտակեցրած սենյակն ինձ էլ ավելի շլացուցիչ էր թվում։ Իմ դիմաց չկար որևէ մութ կետ, ամեն բան, բոլոր իրերն ու անկյունները, բոլոր կորերը գծագրվում էին աչք ծակող մաքրությամբ։ Այդ պահին ներս մտան մորս ընկերները։ Բոլորը միասին մի տասը հոգի էին, որոնք ասես լուռ սահում էին այդ կուրացուցիչ լույսի միջով։ Նրանք նստեցին, բայց ոչ մի աթոռ չճռռաց։ Ես սկսեցի նայել նրանց, ինչպես չեմ նայել երբևէ ոչ մեկին, նրանց դեմքերի ու հագուստների ոչ մի մանրամասն չէր վրիպում իմ աչքից։ Բայց ես նրանց չէի լսում, և դժվար էր հավատալ նրանց իրական գոյությանը։ Գրեթե բոլոր կանայք գոգնոց էին կրում, որոնց գոտին, սեղմելով իրանը, ավելի ցցուն էր դարձնում նրանց ուռուցիկ փորերը։ Մինչ այդ երբեք չէի նկատել, որ ծեր կանայք այդքան մեծ փոր են ունենում։ Տղամարդիկ գրեթե բոլորը շատ նիհար էին և հենված էին ձեռնափայտերին։ Ապշեցուցիչն այն էր, որ նրանց դեմքերի վրա աչքեր չէին երևում, միայն մի աղոտ լույս էի նշմարում նրանց կնճիռների արանքում։ Երբ նստեցի, նրանցից շատերր սկսեցին նայելինձ ու շփոթված ճոճել գլուխները, շրթունքներն ասես ծամելով անատամ բերաններում, այնպես որ չէի կարողանում կռահել՝ ողջունո՞ւմ են ինձ, թե՞ սովորույթի համաձայն թափահարում գլուխները։ Իմ կարծիքով, այնուամենայնիվ, բարևում էին։ Նկատեցի, որ նրանք նստել էին դռնապանի շուրջը՝ իմ դիմաց, ու տմբտմբացնում էին գլուխները։ Մի պահ այնպիսի ծիծաղելի զգացում ունեցա, թե եկել են ինձ դատելու։

Քիչ անց կանանցից մեկը սկսեց լացել։ Նա նստած էր երկրորդ շարքում՝ իր ընկերուհիներից մեկի ետևը, և ես նրան վատ էի տեսնում։ Նա լաց էր լինում համաչափ, կարճ հեծկլտանքներով, և ինձ թվում էր, թե երբեք կանգ չի առնի։ Մյուսները կարծես չէին լսում։ Նրանք ընկճված տեսք ունեին, մռայլ էին ու լուռ։ Նայում էին դագաղին, ոմանք՝ իրենց ձեռնափայտին կամ մեկ ուրիշ տեղ, բայց նայում էին սևեռուն հայացքով։ Կինը շարունակում էր լացը։ Ես շատ էի զարմացել, որովհետև չէի ճանաչում նրան։ Շատ կուզեի այլևս չլսել նրա ձայնը, բայց չէի համարձակվում այդ ասել։ Դռնապանը խոնարհվեց նրա կողմը, ինչ-որ բան ասաց, բայց կինը թափահարեց գլուխր, քրթմնջաց և լացը շարունակեց նույն հաճախականությամբ։ Այդ ժամանակ դռնապանը եկավ ու նստեց կողքս։ Բավական երկար լռելուց հետո ասաց՝ առանց ինձ նայելու.

― Նա շատ մտերիմ էր ձեր մոր հետ։ Ասում է, թե նա իր ամենամոտ ընկերուհին էր, և հիմա այլևս ոչ ոք չունի։

Այդպես նստած էինք երկար ժամանակ։ Կնոջ հեծկլտանքներն ու հոգոցներր նվազում էին։ Քիթն անընդհատ վեր էր քաշում։ Վերջապես լռեց։ Իմ քունն այլևս չէր տանում, բայց հոգնած էի, ու մեջքս ցավում էր։ Այժմ արդեն ծանր էր այդ մարդկանց լռությունը։

Միայն ժամանակ առ ժամանակ ինչ-որ յուրօրինակ ձայն էի լսում, բայց չէի հասկանում, թե ինչ է։ Ի վերջո, գլխի ընկա, որ ծերուկներից ոմանք ծծում էին իրենց այտերը ներսից, իսկ դրանից առաջանում էր այդ տարօրինակ ճպճպոցը։ Նրանք դա չէին զգում, որովհետև շատ էին տարված իրենց մտքերով։ Ես անգամ այն տպավորությունը ստացա, որ մեջտեղում պառկած հանգուցյալը ոչ մի կարևորություն չուներ նրանց համար։ Իսկ հիմա կարծում եմ, որ այդ տպավորությունը խաբուսիկ էր։

Մենք բոլորս խմեցինք դռնապանի մատուցած սուրճը։ Հետո չիմացա՝ ինչ եղավ։ Գիշերն անցավ։ Հիշում եմ միայն մի պահ, երբ աչքերս բացեցի, տեսա, որ բոլոր ծերուկները քնած են՝ իրար կռթնած, բացի մեկից, որը, կզակը հենած ձեռնափայտի վրա կծկված ձեռքերին, ակնապիշ ինձ էր նայում, ասես սպասելով, թե երբ կարթնանամ։ Հետո նորից էի քնել։ Արթնացա, որովհետև մեջքիս ցավը սաստկացել էր։ Լույսը սահում էր ապակեպատ առաստաղի վրայով։ Քիչ անց ծերուկներից մեկն արթնացավ ու սկսեց երկար հազալ։ Նա թքում էր մեծ, քառեկավոր թաշկինակի մեջ, և ամեն անգամ թքելիս նրա ներսից կարծես ինչ-որ բան էր պոկվում։ Նրա հազն արթնացրեց մյուսներին, և դռնապանն ասաց, որ գնալու ժամանակն է։ Բոլորը վեր կացան։ Գիշերվա այդ հոգնեցուցիչ հսկումը նրանց դեմքերը դարձրել էր մոխրագույն։ Դուրս գալիս, ի զարմանս ինձ, բոլորը սեղմեցին ձեռքս, ասես այդ գիշերը, որի ընթացքում մի բառ անգամ չէինք փոխանակել, մտերմացրել էր մեզ։

Հոգնած էի։ Դռնապանն ինձ տարավ իր կացարանը, և ես կարողացա փոքրիշատե կարգի բերել ինձ։ Նորից կաթով սուրճ խմեցի, որը շատ համեղ էր։ Երբ դուրս եկա, լույսը լրիվ բացվել էր։ Մարենգոն ծովից բաժանող բլուրների վերևում երկինքը լի էր կարմրավուն գույներով, որոնց վրայով անցնող քամին աղաբույր էր բերում։ Գեղեցիկ օր էր լինելու։ Վաղուց չէի եղել գյուղում և զգում էի, թե ինչ մեծ հաճույք կստանայի զբոսնելով, եթե չլիներ մայրս։

Սակայն սպասեցի բակում, սոսիի տակ։ Շնչում էի հողի թարմ անուշաբույրը։ Քունս այլևս չէր տանում։ Մտաբերեցի գրասենյակի իմ ընկերներին։ Այդ ժամին նրանք վեր են կենում աշխատանքի գնալու համար, ինձ համար դա միշտ ամենադժվար ժամն է եղել։ Ես դեռ մի քիչ էլ մտածեցի այդ ամենի մասին, բայց ինձ շեղեց շենքի ներսում հնչող զանգը։ Պատուհանների ետևում ինչ-որ իրարանցում սկսվեց, հետո ամեն ինչ հանդարտվեց։ Արևն ավելի էր բարձրացել երկնքում ու տաքացնում էր ոտքերս։ Դռնապանն անցավ բակի միջով և ասաց, որ տնօրենն ինձ է հարցնում։ Ես գնացի գրասենյակ։ Նա ինձ ստորագրել տվեց մի շարք թղթեր։ Նկատեցի, որ սև էր հագել, իսկ տաբատը զոլավոր էր։ Վերցնելով հեռախոսը՝ նա դիմեց ինձ.

― Թաղման գրասենյակի ծառայողներն արդեն եկել են։ Հիմա նրանց կխնդրեմ փակել դագաղը։ Մինչ այդ չէի՞ք ցանկանա վերջին անգամ տեսնել ձեր մորը։

Ես ասացի՝ ոչ։ Ձայնն իջեցնելով՝ նա հեռախոսով կարգադրեց.

― Ֆիժակ, ասացեք, որ կարող են սկսել։

Հետո ասաց, որ ինքն էլ է մասնակցելու թաղմանը, և ես շնորհակալություն հայտնեցի։ Նա նստեց գրասեղանի առջև ու խաչեց կարճլիկ ոտքերը։ Ապա տեղեկացրեց, որ ես և ինքը մենակ ենք լինելու հերթապահ հիվանդապահուհու հետ միասին։ Ըստ կարգի՝ ծերանոցի բնակիչները չպետք է մասնակցեին թաղումներին։ Ինքը նրանց թույլ էր տալիս միայն գիշերը հսկել հանգուցյալին։

― Մարդասիրության հարց է,– նկատեց նա։ Բայց հիմա թափորին հետևելու թույլտվություն է տվել մորս հին ընկերոջը՝ Թոմա Պերեզին։

Այստեղ տնօրենը ժպտաց ու ասաց.

― Հասկանո՞ւմ եք, ոնց որ մանկական զգացմունք լիներ։ Բայց նա և ձեր մայրը գրեթե չէին բաժանվում իրարից։ Ծերանոցում կատակում էին՝ Պերեզին անվանում «փեսա»։ Սա ծիծաղում էր. դա նրանց հաճելի էր։ Եվ հարցն այն է, որ տիկին Մյորսոյի մահը շատ ազդեց նրա վրա, և, կարծում եմ, իրավունք չունեի մերժել նրա խնդրանքը։ Բայց բժշկի խորհրդով նրան արգելեցի հսկել երեկ գիշեր։

Բավական երկար ժամանակ լուռ էինք։ Տնօրենը վեր կացավ և նայեց առանձնասենյակի պատուհանից։ Մի պահ անց ասաց.

― Ահա և Մարենգոյի քահանան։ Շուտ է եկել։

Հետո ինձ զգուշացրեց, որ առնվազն երեք քառորդ ժամ է հարկավոր ոտքով նույն գյուղում գտնվող եկեղեցին հասնելու համար։ Իջանք ներքև։ Տան առջև սպասում էին քահանան և երկու փոքրավոր. նրանցից մեկը բռնել էր բուրվառը, իսկ քահանան կռացել էր ուղղելու արծաթյա շղթան։ Երբ մոտեցանք, քահանան վեր կացավ։ Նա ինձ անվանեց «որդյակ իմ» և ինչ-որ բառեր ասաց։ Հետո ներս մտավ, ես՝ նրա ետևից։

Հենց առաջին հայացքից նկատեցի, որ դագաղի պտուտակներն ամրացված են, և որ չորս սևազգեստ տղամարդ կա սենյակում։ Տնօրենն ասաց, որ դիակառքը սպասում է ճանապարհին, ինչպես նաև քահանան, որ սկսել է աղոթքները։ Այդ պահից սկսած՝ ամեն ինչ շատ արագ ընթացավ։ Վերցնելով սավանը՝ տղամարդիկ շարժվեցին դեպի դագաղը։ Քահանան, նրա ուղեկիցները, տնօրենն ու ես, մենք բոլորս դուրս եկանք։ Դռան առջև մի անծանոթ կին կար, որին տնօրենը ներկայացրեց ինձ. «Պարոն Մյորսո»։ Կնոջ անունը չլսեցի, միայն հասկացա, որ նա լիազոր հիվանդապահուհին է։ Առանց ժպտալու նա խոնարհեց իր երկար ու ոսկրոտ դեմքր։ Հետո մենք այնպես շարվեցինք, որ ճանապարհ տանք անցկացնելու դագաղը։ Հետևեցինք դիակիրներին և դուրս եկանք ծերանոցից։ Դռան առջև սպասում էր լաքապատ, երկար ու փայլուն գրչատուփ հիշեցնող դիակառքր։ Կողքը կանգնած էին կարգադրիչը՝ ծիծաղելի հագուստներով փոքրամարմին մի մարդ և անճոռնի քայլվածքով մի ծերուկ։ Ես գլխի ընկա, որ դա պարոն Պերեզն է։ Նա դրել էր կլորավուն գագաթով փափուկ, ծղոտե լայնեզր գլխարկ (որը հանեց, երբ դագաղը դուրս բերեցին), հագել էր կոստյում, որի անդրավարտիքի փողքերը ծածանվում էին կոշիկների վրա, և հանգուցել էր սև կտորե մի վարդակապ՝ շատ փոքր իր ճերմակ, մեծ օձիքով վերնաշապիկի համար։ Շրթունքները դողում էին ամբողջովին սև բծերով ծածկված քթի տակ։ Ճերմակ, բավական նուրբ մազերի տակից երևում էին լոշտակ ու եզրերը վատ խծպված, ծիծաղաշարժ ականջները, որոնց արնակարմիր գույնն ինձ ապշեցրեց այդ դալուկ դեմքի վրա։ Կարգադրիչը ցույց տվեց մեր տեղը։ Առջևից գնում էր քահանան, հետո՝ դիակառքը, կողքերից՝ չորս տղամարդ, նրանցից հետո՝ տնօրենն ու ես, իսկ թափորը եզրափակում էին լիազոր հիվանդապահուհին ու պարոն Պերեզը։

Երկինքն արդեն ողողված էր արևով, որն ասես կախվել էր գետնին, և շոգն արագ սաստկանում էր։ Չգիտեմ ինչու այդքան երկար սպասեցինք մինչև ճանապարհ ընկնելը։ Սև հագուստի մեջ շոգում էի։ Փոքրամարմին ծերուկը, որը քիչ առաջ դրել էր գլխարկը, նորից հանեց։ Ես շրջվել ու նայում էի, երբ տնօրենը սկսեց պատմել նրա մասին։ Ասաց, որ երեկոները մայրս ու պարոն Պերեզը հիվանդապահուհու ուղեկցությամբ հաճախ էին զբոսնելով հասնում մինչև գյուղ։ Նայում էի շուրջս փռված դաշտերին, դեպի երկնահաս բլուրները տանող նոճիներին, նրանց ուրվագծերի արանքից նշմարում դեղնականաչ հողը, նոսրաշար, լավ գծագրված տները և հասկանում էի մորս։ Երեկոյան այստեղ երևի մելամաղձոտ անդորր էր տիրում։ Իսկ այսօր հորդացող արևը, որ խարազանում էր բնապատկերը, այն դարձնում էր անմարդկային ու ճնշող։

Մենք ճամփա ընկանք։ Այդ պահին նկատեցի, որ Պերեզը թեթևակի կադում է։ Դիակառքը քիչ-քիչ արագություն էր վերցնում, իսկ ծերուկը ետ էր մնում։ Դիակառքն ուղեկցող տղամարդկանցից մեկը ևս ճանապարհ տվեց, որ նա անցնի իրենից, այժմ նա քայլում էր իմ կողքից։ Ինձ զարմացրել էր երկնքում բարձրացող արևի արագությունը։ Հանկարծ գլխի ընկա, որ այսքան ժամանակ դաշտերը երգում էին միջատների բզզոցով և խոտերի խշրտյունով։ Քրտինքը հոսում էր այտերիս վրայով։ Քանի որ գլխարկ չունեի, ինձ հով էի անում թաշկինակով։ Այդ պահին թաղման գրասենյակի ծառայողն ինչ-որ բան ասաց, որը չլսեցի։ Նա միաժամանակ գլուխն էր սրբում թաշկինակով, որ բռնել էր ձախ ձեռքով՝ աջով բարձրացնելով գդակի ծայրը։ Ես նրան հարցրի.

― Ի՞նչ։

Նա կրկնեց՝ մատնացույց անելով երկինքը.

― Վառում է։

Ասացի.

― Այո։

Քիչ անց հարցրեց.

― Ձեր մա՞յրն է։

Նորից ասացի.

― Այո։

― Ծե՞ր էր։

Պատասխանեցի.

― Ոչ այնքան,– որովհետև չգիտեի ստույգ տարիքը։

Հետո նա լռեց։ Ես շրջվեցի և մեր ետևում՝ մի հիսուն մետրի վրա, տեսա Պերեզին։ Նա շտապում էր՝ մատների ծայրով թափահարելով ծղոտե գլխարկը։ Նայեցի նաև տնօրենին, որը քայլում էր մեծ արժանապատվությամբ՝ չանելով ոչ մի անիմաստ շարժում։ Քրտինքի մի քանի կաթիլ փայլում էր նրա ճակատին, բայց նա չէր սրբում։

Ինձ թվում էր, թե թափորը փոքր-ինչ ավելի արագ է շարժվում։ Շուրջս շարունակ նույն դաշտն էր՝ լուսավոր և արևահեղձ։ Երկնքի ճառագայթումն անտանելի էր։ Որոշ ժամանակ անց մենք անցնում էինք ճանապարհի՝ վերջերս նորոգված մասով։ Արևը հալեցրել էր ձյութը, ոտքերս խրվում էին դրա մեջ՝ բացելով փայլուն խյուսը։ Դիակառքի վերևում ճոճվում էր կառապանի կաշվե գլխարկը, որն ասես դաբաղվել էր հենց այդ սև ձյութի մեջ։ Ես մի քիչ շշմել էի երկնքի կապույտ ու ճերմակ գույներից, սևաթույր երանգների միապաղաղությունից, բացված ձյութի կպչուն սևը, հագուստների փայլատ սևը, դիակառքի լաքած սևը։ Արևը, կաշվի ու դիակառքի, թրիքի, լաքի ու խնկի հոտը, անքուն գիշերվա հոգնությունը, այս ամենը շաղում էր հայացքս ու խառնում մտքերս։ Մեկ անգամ էլ շրջվեցի։ Պերեզն ինձ թվաց շատ հեռու, կորած՝ շիկացած ամպի մեջ, իսկ հետո նրան այլևս չտեսա։ Երբ փնտրեցի հայացքով, նկատեցի, որ ճանապարհից դուրս է եկել ու գնում է դաշտի միջով։ Պարզեցի նաև, որ առջևում ճանապարհը թեքվում է։ Գլխի ընկա, որ Պերեզը, լավ իմանալով տեղանքը, գնում է կարճ ճանապարհով՝ մեզ հասնելու համար։ Շրջադարձին նա արդեն միացավ մեզ։ Հետո նրան կորցրինք։ Նա նորից գնաց դաշտերի միջով, և այդպես մի քանի անգամ։ Իսկ ես զգում էի քներակներիս տրոփյունը քունքերիս մեջ։

Հետո ամեն ինչ այնքան արագ ընթացավ, այնքան հավաստի ու բնական, որ այլևս ոչինչ չեմ հիշում։ Թերևս միայն մեկ բան. գյուղ վերադառնալիս հիվանդապահուհին խոսում էր ինձ հետ։ Նա առանձնահատուկ ձայն ուներ՝ մեղեդային ու դողդողացող, որը չէր սազում նրա դեմքին։ Ինձ ասաց.

― Վտանգավոր է դանդաղ քայլելը, կարող ենք արևահարվել։ Բայց եթե շատ արագ էլ գնանք, կքրտնենք, ինչպես եկեղեցում, որտեղ կարող ես և՛ մրսել, և՛ շոգել։

Նա իրավացի էր։ Ելք չկար։ Հիշողությանս մեջ այդ օրվանից դեռ մնացել են մի քանի պատկեր, օրինակ՝ Պերեզի դեմքը, երբ գյուղի մոտ վերջին անգամ միացավ մեզ. նյարդայնության ու տառապանքի խոշոր արցունքները հոսում էին այտերի վրայով, բայց հանդիպելով կնճիռների, կանգ էին առնում, հավաքվում, միանում էին իրար՝ կարծես ջրային շպար քսելով այդ թորշոմած դեմքին։ Հիշում եմ նաև եկեղեցին, մայթերին կանգնած գյուղացիներին, կարմիր խորդենիները՝ գերեզմանոցի շիրմաթմբերի վրա, Պերեզի ուշաթափությունը (կարծես անդամահատ խամաճիկ լիներ), արնագույն հողը, որ թափվում էր մորս դագաղին, խճճված արմատների ճերմակ մաշկը, հետո էլի մարդիկ, ձայներ, գյուղը, կանգառը ինչ-որ սրճարանի մոտ, շարժիչի դռդռոցը և իմ ուրախությունը, երբ մեր ավտոբուսը մտավ Ալժիրի լույսերի մեջ, և ես մտածեցի, որ հիմա, շատ շուտով կպառկեմ ու կքնեմ տասներկու ժամ։

II

Արթնանալով հասկացա, թե ինչու պետս այդքան դժգոհ տեսք ուներ, երբ նրանից երկօրյա արձակուրդ էի խնդրում, այսօր շաբաթ է։ Ես դա, այսպես ասած, մոռացել էի, բայց հենց վեր կացա, գլխումս հայտնվեց այդ միտքը։ Պետս բնականաբար մտածել էր, որ ես փաստորեն ազատ կլինեմ չորս օր՝ գումարած կիրակին, իսկ դա չէր կարող հաճույք պատճառել նրան։ Բայց մի կողմից՝ ես մեղավոր չեմ, որ մորս երեկ թաղեցին այսօրվա փոխարեն, իսկ մյուս կողմից, միևնույն է, բոլոր դեպքերում ես ազատ պիտի լինեի շաբաթ ու կիրակի օրերը։ Պարզ է, դա չի խանգարում, որ ես, այսուհանդերձ, հասկանամ պետիս։

Դժվարությամբ վեր կացա, որովհետև երեկ շատ էի հոգնել։ Սափրվելիս մտածեցի անելիքներիս մասին և որոշեցի գնալ լողալու։ Տրամվայ նստեցի ու մեկնեցի նավահանգստի լողավազանները։ Սուզվեցի ջրի մեջ։ Երիտասարդներ շատ կային։ Ջրի մեջ հանդիպեցի Մարի Կարդոնային՝ մեր գրասենյակի նախկին մեքենագրուհուն, որին ժամանակին ցանկացել էի։ Կարծում եմ՝ նա նույնպես։ Բայց նա քիչ մնաց մեզ մոտ, և մենք չհասցրինք հանդիպել։ Երբ նրան օգնում էի բարձրանալ լողանի վրա, ձեռքս պատահաբար դիպավ նրա կրծքին։ Ես դեռ ջրում էի, իսկ նա արդեն պառկած էր լողանին։ Դեմքով շրջվեց դեպի ինձ. մազերը թափվել էին աչքերին, ծիծաղում էր։ Ես փռվեցի նրա կողքին՝ լողանի վրա։ Հաճելի էր, և իբր թե կատակով գլուխս ետ գցեցի ու դրեցի նրա փորին։ Նա ոչինչ չասաց, և ես այդպես էլ մնացի։ Ողջ երկինքն արտացոլվում էր աչքերիս մեջ՝ կապույտ ու ոսկեզօծ։ Ծոծրակիս տակ զգում էի Մարիի որովայնի մեղմ տրոփյունը։ Մենք երկար մնացինք լողանի վրա՝ կիսաքուն, կիսարթուն։ Երբ արևը սաստկացավ, Մարին սուզվեց ջրի մեջ։ Ես հետևեցի նրան։ Բռնեցի, գրկեցի մեջքը, և լողացինք միասին։ Նա շարունակ ծիծաղում էր։ Կառամատույցին, մինչ չորանում էինք, նա ասաց.

― Ես ավելի թուխ եմ, քան դուք։

Ես նրան հարցրի՝ երեկոյան չէ՞ր ցանկանա կինո գնալ։ Նա նորից ծիծաղեց և ասաց, որ կուզենար դիտել Ֆերնանդելի ֆիլմերից որևէ մեկը։ Երբ հագնվեցինք, նա շատ զարմացավ՝ տեսնելով իմ սև փողկապը և հարցրեց, թե արդյոք սգի մե՞ջ եմ։ Ասացի, որ մայրս է մահացել։ Եվ քանի որ ուզում էր իմանալ՝ երբ, պատասխանեցի. «Երեկ»։ Նա փոքր-ինչ ընկրկեց, բայց ոչ մի դիտողություն չարեց։ Ուզեցի ասել, որ մեղք չունեմ, բայց զսպեցի ինձ՝ մտածելով, որ նույնն արդեն ասել եմ պետիս։ Դա ոչ մի նշանակություն չուներ։ Ամեն դեպքում միշտ էլ մի քիչ մեղավոր ես լինում։

Երեկոյան Մարին ամեն ինչ մոռացել էր։ Կինոնկարր տեղ֊տեղ ծիծաղելի էր, բայց հիմնականում՝ չափազանց հիմար։ Մարիի ոտքը կպել էր ոտքիս, ես փաղաքշում էր նրա կուրծքը։ Սեանսի վերջում ես համբուրեցի նրան, բայց՝ անհաջող։ Հետո նա եկավ ինձ մոտ։

Երբ արթնացա, Մարին արդեն գնացել էր։ Նա ինձ ասել էր, որ գնալու է մորաքրոջ մոտ։ Հիշեցի, որ կիրակի է, ու սրտնեղեցի, չեմ սիրում կիրակի օրը։ Շուռ եկա մյուս կողքիս, գլուխս խոթեցի գլանաձև բարձի մեջ՝ փնտրելով Մարիի մազերի աղաբույրը, ու քնեցի մինչև ժամը տասը։ Հետո մինչև կեսօր պառկած ծխում էի։ Չէի ուզում սովորականի պես ճաշել Սելեստի մոտ, քանի որ նրանք, անկասկած, հարցուփորձ կանեին ինձ, մի բան, որ ինձ դուր չի գափս։ Ձվածեղ սարքեցի ու կերա հենց թավայից, առանց հացի, որովհետև խանութ գնալ չէի ուզում։

Նախաճաշից հետո սկսեցի ձանձրանալ ու գնալ-գալ բնակարանում, որր հարմարավետ էր, երբ մայրս այստեղ էր։ Այժմ այն շատ մեծ էր թվում, և ես ստիպված էի ճաշասենյակից սեղանը տեղափոխել իմ սենյակ։ Հիմա ապրում եմ միայն այս սենյակում՝ փոս ընկած ծղոտե աթոռների, դեղնած հայելիով պահարանի, հարդարանքի սեղանիկի և երկաթե մահճակալի միջև։ Մնացածը անուշադրության է մատնված։ Քիչ անց, մի բան արած լինելու համար, վերցրի մի հին լրագիր ու սկսեցի կարդալ։ Նրա միջից կտրեցի Կրյուշեն աղերի մի գովազդ ու կպցրեցի հին տետրիս մեջ, ուր հավաքում եմ լրագրերից կտրտած զանազան զվարճալի բաներ։ Ձեռքերս լվացի, իսկ հետո դուրս եկա պատշգամբ։

Սենյակիս պատուհանները նայում են արվարձանի գլխավոր փողոցին։ Ետմիջօրեն գեղեցիկ էր։ Բայց սալարկը լպրծուն էր, հատուկենտ մարդիկ՝ դեռևս աճապարող։ Դրանք նախ զբոսանքի գնացող ընտանիքներն էին. ծովայինի համազգեստով երկու փոքրիկ տղա՝ ծնկներից կարճ վարտիքներով, մի քիչ նեղված իրենց հագուստներում, և մի աղջնակ՝ մեծ, վարդագույն ժապավենով ու սև լաքե կոշիկներով։ Նրանց ետևից գնում էին հսկա, շագանակագույն մետաքսյա շրջազգեստով, գեր մայրիկը և փոքրամարմին, դյուրաբեկ հայրիկը, որին դեմքով ճանաչում եմ։ Նա դրել էր հարթ, ծղոտե գլխարկ, օձիքը հանգուցել վարդակապով ու քայլում էր ձեռնափայտով։ Տեսնելով նրան կնոջ հետ՝ հասկացա, թե ինչու էին նրան մեր թաղում հարգված մարդ համարում։ Ավելի ուշ անցան արվարձանի ջահելներր՝ լաքած մազերով ու կարմիր փողկապներով, իրանը կիպ գրկած բաճկոններով, գրպանիկներում՝ ասեղնագործ թաշկինակներ, ու ոտքերին՝ քառակուսի քթով կոշիկներ։ Իմ կարծիքով՝ նրանք գնում էին կենտրոնի կինոթատրոններ։ Դրա համար էլ այդքան շուտ էին դուրս եկել և հռհռալով շտապում էին դեպի տրամվայը։

Նրանցից հետո փողոցր քիչ-քիչ ամայացավ։ Երևի ամենուրեք սկսվել էին ներկայացումները։ Մնացել էին միայն խանութպաններն ու կատուները։ Փողոցը եզերող թզենիների վերևում ջինջ, բայց անփայլ երկինքն էր։ Դիմացի մայթին ծխախոտավաճառը դուրս բերեց մի աթոռ, տեղավորեց դռան առջև և հակառակ կողմից հեծնեց՝ ձեռքերը հենելով թիկնակին։ Քիչ առաջվա լեփ-լեցուն տրամվայների փոխարեն այժմ անցնում էին գրեթե դատարկները։ «Պիեռոյի մոտ» փոքրիկ սրճարանում, ծխախոտավաճառի կողքը, մատուցողը թեփով ավլում էր դատարկ սրահի հատակը։ Իրոք, որ կիրակի էր։ Ես շրջեցի աթոռս ու նստեցի ծխախոտավաճառի նման, որովհետև ենթադրեցի, որ այդպես ավելի հարմար է։ Ծխեցի երկու ծխախոտ, ներս մտա, վերցրի երկու կտոր շոկոլադ ու վերադարձա, որ ուտեմ պատուհանի մոտ։ Քիչ անց երկինքը մռայլվեց, և ինձ թվաց, թե շուտով ամառային ամպրոպ է լինելու։ Քիչ–քիչ եղանակը նորից բացվեց։ Սակայն երկնքով անցած ամպերն ասես անձրևի հույս էին թողել փողոցում, որից այն ավեփ էր մթնել։ Ես դեռ երկար մնացի այդ դիրքով, նայում էի երկնքին։

ժամը հինգին երևացին դղրդալից տրամվայները։ Նրանք արվարձանի մարզադաշտից բերում էին աստիճաններին ու բռնակներին թառած խումբ-խումբ հանդիսականներին։ Հաջորդ տրամվայները բերեցին խաղացողներին, որոնց ես տարբերեցի փոքրիկ ճամպրուկներից։ Նրանք երգում, ոռնում էին լիաթոք, թե իրենց ակումբր չի մեռնի երբեք։ Նրանցից շատերր ձեռքով ողջունում էին ինձ։ Մեկը նույնիսկ բղավեց. «Նրանց հերն անիծեցինք»։ Ես գլխով պատասխանեցի նրանց։ Այս պահից սկսած փողոցը հեղեղվեց մեքենաներով։

Օրը նորից փոխվեց մի քիչ։ Տանիքների վերևում երկինքը դարձավ կարմրավուն, և ծնվող երեկոյի հետ փողոցներն աշխուժացան։ Զբոսնողները կամաց-կամաց վերադառնում էին։ Նրանց մեջ ես ճանաչեցի մյուսներից տարբերվող պարոնին։ Երեխաները լաց էին լինում կամ քարշ գալիս մեծերի ետևից։ Գրեթե միանգամից փողոցը հեղեղվեց թաղամասի կինոթատրոններից դուրս եկած հանդիսականների հորձանքով։ Նրանց մեջ երիտասարդները սովորականից ավելի կտրուկ շարժումներ էին անում, և ես ենթադրեցի, որ դիտել են արկածային կինոնկար։ Քաղաքի կինոթատրոններից վերադարձողները տեղ հասան ավելի ուշ։ Նրանք ավելի լրջախոհ տեսք ունեին։ Թեպետ նույնպես ծիծաղում էին, բայց ժամանակ առ ժամանակ հոգնած ու մտազբաղ էին թվում։ Ոմանք մնացին վտղոցում և սկսեցին վերուվար անել դիմացի մայթով։ Թաղի ջահել աղջիկները հերարձակ էին և քայլում էին թևանցուկ։ Տղաները հատուկ շարվել էին նրանց ճամփան կտրելու և կատակներ էին նետում՝ ծիծաղեցնելով աղջիկներին և ստիպելով շրջել գլուխները։ Նրանցից շատերը, որոնց ճանաչում էի, ողջունեցին ինձ։

Հանկարծ վառվեցին փողոցի լապտերները և դալկացրին գիշերվա մեջ հառնող առաջին աստղերը։ Զգացի, որ աչքերս հոգնել են մարդկանցով ու լույսերով լեցուն մայթերին նայելուց։ Լապտերների լույսի տակ փայլում էր թաց սալարկը, իսկ տրամվայները կանոնավոր ընդմիջումներով իրենց լուսարձակներն էին ուղղում փայլուն մազերի, ժպտացող դեմքի կամ արծաթյա ապարանջանի վրա։ Իսկ հետո, ավեփ հազվադեպ դարձած տրամվայների հետ և արդեն սևաթույր մթության մեջ, ծառերի ու լապտերների ներքո թաղամասն աննկատելիորեն դատարկվեց, և ահա առաջին կատուն դանդաղ կտրեց-անցավ արդեն լրիվ ամայացած փողոցը։ Այստեղ ես մտածեցի, որ ընթրել է պետք։ Աթոռի թիկնակին երկար հենված մնալուց վիզս ցավում էր։ Իջա ներքև հաց ու մակարոն գնելու, հետո կերակուր պատրաստեցի ու կերա ոտքի վրա։ Ուզում էի ծխել պատուհանի մոտ, բայց մի քիչ ցրտել էր. մրսեցի։ Փակեցի պատուհանները, և ետ գալիս հայելու մեջ տեսա սեղանի անկյունը, որտեղ սպիրտայրոցի հարևանությամբ կային հացի կտորներ։ Մտածեցի, որ դեռևս ձգձգվող կիրակին է, որ մայրիկն արդեն թաղված է, որ ես վերսկսելու եմ աշխատանքս և, ի վերջո, ոչինչ չի փոխվել։

III

Այսօր շատ աշխատեցի գրասենյակում։ Պետս սիրալիր էր։ Նա նախ հարցրեց, թե չե՞մ հոգնել, ապա ցանկացավ իմանալ մորս տարիքը։ Չսխալվելու համար ասացի՝ «Վաթսունին մոտ»։ Չգիտեմ ինչու նա թեթևացած տեսք ընդունեց՝ երևի գործը համարելով ավարտված։

Սեղանիս դիզված բեռնագրերի կույտը պիտի թերթեի։ Նախաճաշի գնալուց առաջ, մինչ դուրս կգայի գրասենյակից, լվացի ձեռքերս։ Կեսօրին սիրում եմ այդ պահը, բայց երեկոյան այնքան էլ հաճելի չէ, որովհետև գլանային սրբիչր ամբողջ օրը գործածելուց լրիվ թաց է լինում։ Այդ մասին մի օր ակնարկեցի պետիս։ Պատասխանեց, որ խիստ ցավում է, սակայն, այսուհանդերձ, դա աննշան մանրուք է։ Դուրս եկա մի քիչ ուշացումով՝ տասներկուսն անց կեսին, էմանուելի հետ, որն աշխատում է առաքման բաժնում։ Գրասենյակը նայում է ծովին, և մենք մի պահ հապաղեցինք՝ հիանալու արևահեղձ նավահանգստում կանգնած բեռնանավերով։ Այդ պահին, շղթաները դղրդացնելով ու ճայթյուններ արձակելով, մեզ մոտեցավ մի բեռնատար։ էմանուելը հարցրեց. «Չգնա՞նք սրանով», և ես սկսեցի վազել։ Բեռնատարը մեզնից անցավ, իսկ մենք նետվեցինք նրա ետևից։ Լրիվ խեղդվել էի աղմուկից ու փոշուց։ Այլևս ոչինչ չէի տեսնում, միայն զգում էի վազքի անհեթեթ թափը, որն անցնում էր ամբարձիչների ու մեքենաների, հորիզոնի վրա պարող կայմերի ու նավիրանների միջով, որոնց երկայնքով սլանում էինք մենք։ Առաջինը ես կարողացա հենարան գտնել ու ցատկել մեքենայի մեջ։ Հետո օգնեցի էմանուելին, որ բարձրանա ու նստի։ Հևասպառ էինք։ Բեռնատարը թռչկոտում էր կառամատույցի անհավասար սալաքարերի վրայով, փոշու և արևի միջով։ էմանուելը հռհռում էր շնչակտուր։

Քրտինքի մեջ լողալով՝ հասանք Սելեստի մոտ։ Նա, ինչպես միշտ, իր տեղում էր՝ մեծ փորով, գոգնոցով ու ճերմակ բեղերով։ Հարցրեց ինձ՝ «Բայցևայնպես, լա՞վ ես»։ Ասացի՝ այո, հետո ավելացրի. «Սոված եմ»։ Արագ-արագ կերա ու սուրճ խմեցի։ Տուն վերադառնալով՝ մի քիչ քնեցի, որովհետև շատ էի գինի խմել, իսկ երբ արթնացա, ծխելու ցանկություն ունեի։ Բայց արդեն ուշ էր։ Վազեցի, որ հասնեմ տրամվային։ Աշխատեցի մինչև երեկո։ Գրասենյակում շատ շոգ էր։ Երեկոյան, երբ դուրս եկա, ուրախ էի, որ քայլելով եմ վերադառնում կառամատույցի երկայնքով։ Երկինքը կանաչավուն էր, և ես ինձ բավարարված էի զգում։ Այսուհանդերձ, ուղիղ տուն գնացի, որովհետև ուզում էի կարտոֆիլ խաշել։

Մութ աստիճաններով բարձրանալիս բախվեցի ծերուկ Սալամանոյին՝ իմ սանդղահարթակի հարևանին։ Իր շան հետ էր։ Արդեն ութ տարի նրանք անբաժան էին։ Այդ սպանիելը մաշկի հիվանդություն ունի, իմ կարծիքով՝ քոս, որը նրան ծածկում է դարչնագույն կեղևով ու խոցերով, և որից թափվել են նրա գրեթե բոլոր մազերը։ Ստիպված լինելով ապրել երկուսով միասին մի փոքրիկ սենյակում՝ ծեր Սալամանոն ի վերջո նմանվել է իր շանը։ Նա դեմքին նույնպես կեղևանք ունի, իսկ մազերը ցանցառ են ու դեղին։ Շունը տիրոջից ընդօրինակել է նրա մի տեսակ կորացած քայլվածքը՝ դունչն առաջ ցցած ու վիզը ձգած։ Նրանք ասես նույն ցեղից լինեն, բայցևայնպես ատում են իրար։ Օրը երկու անգամ՝ ժամը տասնմեկին ու վեցին, ծերուկն իր շանը տանում է զբոսանքի։ Ութ տարուց ի վեր նրանք չեն փոխել իրենց երթուղին։ Նրանց կարելի է տեսնել Լիոնյան փողոցում, շունն այնպես ուժեղ է քաշում, որ ծերուկը քիչ է մնում ընկնի։ Այդ ժամանակ նա ծեծում ու հայհոյում է շանը։ Շունը վախից կառչում է գետնից ու ստիպում, որ իրեն քարշ տան։ Այժմ արդեն ծերուկի քաշելու հերթն է։ Երբ շունը մոռանում և նորից է քաշում տիրոջը, նորից է ծեծվում ու հայհոյվում։ Այնժամ նրանք երկուսն էլ կանգ են առնում մայթին և նայում իրար, շունը՝ սարսափով, մարդը՝ ատելությամբ։ Եվ այդպես շարունակ, ամեն օր։ Երբ շունն ուզում է միզել, ծերուկը նրան ժամանակ չի տալիս և քաշում է, սպանիելը քարշ է գափս նրա ետևից՝ ցանցնելով փոքրիկ կաթիլների մի շարան։ Եթե պատահաբար շունն այդ անում է սենյակում, ուրեմն դարձյալ ծեծվում է։ Եվ այս ամենը շարունակվում է ութ տարի։ Սելեստն անընդհատ ասում է՝ «Այդ դժբախտը», բայց ինչ իմանաս։ Երբ աստիճանների վրա հանդիպեցի Սալամանոյին, նա հայհոյում էր շանը։ Նա անընդհատ կրկնում էր. «Կեղտոտ։ Սատկած», իսկ շունը վնգստում էր։ Ես ասացի. «Բարի երեկո», բայց ծերուկը շարունակեց հայհոյանքը։ Այնժամ ես հարցրի, թե ինչ է արել շունը։ Նա չպատասխանեց, միայն ասում էր. «Կեղտոտ։ Սատկած»։ Ես վատ էի տեսնում ծերուկին. նա կռացել էր և ինչ-որ բան էր ուղղում շան վզակապի վրա։ Ես ավելի բարձրաձայն հարցրի։ Այնժամ, առանց շրջվելու նա պատասխանեց մի տեսակ զսպված կատաղությամբ. «Զզվեցրել է ինձ»։ Հետո գնաց՝ ետևից քարշ տալով շանը, որը չռվել էր չորս թաթերի վրա ու վնգստում էր։

Հենց այդ պահին եկավ սանդղահարթակի իմ մյուս հարևանը։ Թաղում խոսում են, որ նա ապրում է կանանց հաշվին։ Բայց երբ մասնագիտությունն ես հարցնում, ասում է, որ պահեստապետ է։ Ընդհանրապես նրան չեն սիրում։ Բայց նա հաճախ է զրուցում ինձ հետ, երբեմն էլ մոտս է գալիս կարճ ժամանակով, որովհետև ես կարողանում եմ լսել իրեն։ Իմ կարծիքով՝ նրա պատմածները հետաքրքիր են։ Մյուս կողմից էլ, նրան չլսելու որևէ պատճառ չունեմ։ Նրա անունն է Ռեյմոն Սընթես։ Բավական ցածրահասակ է, լայն ուսերով ու բռնցքամարտիկի քթով։ Նրա հագուկապը միշտ տեղին է։ Սալամանոյի մասին խոսելիս ասաց. «Ի՜նչ դժբախտն է»։ Նա ինձ հարցրեց, թե զզվելի՞ է այս ամենը, ես պատասխանեցի՝ ոչ։

Մենք բարձրացանք, և ես ուզում էի բաժանվել նրանից, երբ ասաց.

― Տանը արնաերշիկ ու գինի ունեմ։ Չէի՞ք ցանկանա մի կտոր ուտել ինձ հետ։

Ես մտածեցի, որ ճաշ պատրաստելու գլխացավանքից կազատվեմ և համաձայնեցի։ Նա էլ մի սենյակ ունի և խոհանոց՝ առանց պատուհանի։ Մահճակալի վերևում ամրացված են ճերմակ-վարդագույն մարմարածեփ մի հրեշտակ, չեմպիոնների լուսանկարներ ու մի քանի մերկ կանանց կրկնօրինակներ։ Սենյակը կեղտոտ էր, անկողինը՝ թափթփված։ Նախ վառեց նավթալամպը, հետո գրպանից հանեց բավական կասկածելի մի վիրակապ ու փաթաթեց աջ ձեռքը։ Նրան հարցրի, թե ինչ է պատահել։ Ասաց, որ ծեծկվել է մեկի հետ, որը պոկ չէր գափս իրենից։

― Հասկանո՞ւմ եք, պարոն Մյորսո,– ասաց նա,– ես ոչ թե չար եմ, այլ տաքարյուն։ Երբ նա ինձ ասաց. «Թե տղամարդ ես, իջիր տրամվայից», ես ասացի. «Գնա գործիդ»։ Նա թե՝ «Դու տղամարդ չես»։ Այդ ժամանակ թռա ցած ու ասացի. «Հերիք եղավ, չափդ ճանաչիր, թե չէ բուրդդ քամուն կտամ»։ Նա թե՝ «էդ ո՞նց»։ Ես մի լավ հասցրի։ Նա ընկավ։ Ուզում էի վեր հանել, բայց պառկած տեղից քացի էր տալիս։ Այդ ժամանակ ես ծնկով խփեցի, երկու անգամ էլ ապտակեցի։ Դեմքը լրիվ արյունլվիկ էր։ Ես հարցրի. «Հաշիվդ փակվա՞ծ է»։ Նա ասաց. «Այո»։

Այդ ամբողջ ընթացքում նա զբաղված էր իր վիրակապով։ Ես նստած էի մահճակափն։ Նա ասաց.

― Տեսնո՞ւմ եք, ես մեղավոր չեմ։ Ինքն ինձ հասցրեց։

Ես ընդունեցի, որ դա ճիշտ էր։ Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ հենց այդ գործի համար էր ուզում ինձնից խորհուրդ հարցնել, քանի որ ես տղամարդ եմ, գիտեմ կյանքը և կարող եմ օգնել իրեն, իսկ հետո ինքը կդառնա իմ ընկերը։ Ես ոչինչ չասացի, իսկ նա կրկնեց, թե չե՞մ ուզում դառնալ իր րնկերը։ Ասացի, որ ինձ համար միևնույնն է։ Նա գոհ մնաց։ Հետո հանեց արնաերշիկը, թավան, տապակեց, բաժակ ու ափսե դրեց, դանակ-պատառաքաղ և երկու շիշ գինի։ Եվ այդ ամենը՝ առանց խոսելու։ Հետո սեղան նստեցինք։ Ուտելու ընթացքում նա շարունակեց իր պատմությունր։ Սկզբում մի քիչ վարանում էր.

― Դե, ծանոթացել էի մի կնոջ... Կարելի է ասել, որ իմ սիրուհին էր։

Այդ մարդը, որի հետ կռվել էր, այդ կնոջ եղբայրն էր։ Սընթեսը ասաց նաև, որ ամեն ինչում օգնում, օժանդակում էր այդ կնոջը։ Ես ոչինչ չասացի, բայց նա անմիջապես ավելացրեց, որ տեղյակ է, թե թաղում ինչ են խոսում իր մասին, սակայն իր խիղճը հանգիստ է, և ինքը պահեստապետ է։

― Ինչ վերաբերում է իմ պատմությանը,– շարունակեց նա,– ես նկատեցի, որ այդ գործում խաբեություն կա։

Նա կնոջը տալիս էր ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ էր ապրելու համար։ Ինքն էր վճարում սենյակի վարձը, իսկ սննդի համար տալիս էր օրական քսան ֆրանկ։

― Երեք հարյուր ֆրանկ՝ սենյակին, վեց հարյուր ֆրանկ՝ սննդին, ժամանակ առ ժամանակ մի զույգ գուլպա՝ դա անում է հազար ֆրանկ։ Իսկ տիկինը չէր աշխատում, բայց ինձ ասում էր, որ իմ տվածով, իրականում, չի կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Սակայն ես ասում էի նրան. «Ինչո՞ւ չես աշխատում՝ գոնե օրվա կեսը։ Գործս լավ կհեշտացնեիր մանր-մունր հարցերում։ Այս ամիս քեզ համար հագուստ-կապուստ եմ գնել, օրական տալիս եմ քսան ֆրանկ, տանդ վարձն եմ տալիս, իսկ դու կեսօրից հետո սուրճ ես խմում ընկերուհիներիդ հետ։ Դու նրանց հյուրասիրում ես սուրճ ու շաքար, իսկ վճարողը ես եմ։ Ես քեզ լավություն եմ անում, իսկ դու վատությամբ ես փոխհատուցում»։ Բայց նա շարունակում էր չաշխատել և անընդհատ կրկնում էր, թե չի կարողանում գլուխ հանել, և ահա ես զգացի, որ այստեղ խաբեություն կա։

Հետո պատմեց, որ նրա պայուսակում վիճակախաղի տոմս էր գտել, և որ այդ կինը ոչ մի կերպ չէր կարողացել բացատրել թե ինչպես էր գնել։ Փոքր-ինչ ավելի ուշ նրա մոտ հայտնաբերել էր գրավատան ստացական, որից պարզ էր դարձել, որ նա երկու ապարանջան է գրավ դրել։ Մինչ այդ նա անտեղյակ էր այդ ապարանջանների գոյության մասին։

― Լրիվ համոզվեցի, որ խաբեություն կա ու թողեցի նրան։ Բայց նախևառաջ մի լավ ծեծեցի, հետո ասացի ողջ ճշմարտությունը։ Ասացի, որ նրա ուզած-չուզածը անկողնում զվարճանալն է։ Ես հենց այդպես էլ նրան ասացի, հասկանո՞ւմ եք, պարոն Մյորսո։ «Դու չես տեսնում, թե ուրիշներն ինչպես են նախանձում քո երջանկությանը, որ ես եմ քեզ տալիս։ Այդ երջանկության արժեքը հետո կհասկանաս»։

Նա սիրուհուն այնքան էր ծեծել, որ արյունլվիկ էր արել։ Առաջ նրան չէր ծեծում։

― Ես նրան քոթակում էի, բայց, այսպես ասած, քնքշանքով։ Նա մի քիչ ճվճվում էր։ Ես փակում էի լուսամուտի փեղկերը, և ամեն ինչ անցնում, վերջանում էր ինչպես միշտ։ Բայց այս անգամ լուրջ էր։ Չնայած դեռ նրա հախից չեմ եկել։

Նա բացատրեց, որ հենց դրա համար էր ուզում ինձնից խորհուրդ հարցնել։ Պատմությունն ընդհատեց, որ կարգավորի լամպի ածխացած պատրույգը։ Ես շարունակում էի լսել նրան։ Մոտ մի լիտր գինի էի խմել, գլուխս տաքացել էր։ Ծխում էի Ռեյմոնի սիգարետները, որովհետև ծխախոտ այլևս չունեի։ Վերջին տրամվայներն էին անցնում՝ բերելով արվարձանի այժմ արդեն հեռավոր աղմուկը։ Ռեյմոնը շարունակեց։ Անհանգիստ էր, որովհետև «ինքը դեռ զգացմունքներ էր տածում բոզի նկատմամբ»։ Բայց և ուզում էր պատժել։ Սկզբում մտածում էր նրան տանել որևէ հյուրանոց, կանչել բարքերի ոստիկաններին, աղմուկ բարձրացնել և նրան մտցնել սև ցուցակի մեջ։ Հետո դիմել էր շրջապատի տղերքին։ Նրանք ոչինչ չէին կարողացել մոգոնել։ Եվ ինչպես ինձ հասկացրեց Ռեյմոնը, շատ դժվար էր լինել նման շրջապատում։ Հենց այդպես էլ ասել էր տղերքին։ Նրանք առաջարկել էին մի լավ «նախշել» այդ կնոջ դեմքը։ Բայց դա չէր իր ուզածը։ Ուրիշ բան էր պետք մտածել։ Նախ ուզում էր մի բան խնդրել ինձնից։ Ասենք, մինչ խնդրելը կուզեր իմանալ, թե ինչ եմ մտածում այս պատմության մասին։ Ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ մտածում, բայց հետաքրքիր է։ Նա հարցրեց, թե ինչ եմ կարծում՝ խաբեություն կար, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ այո, խաբեություն կար։ Արդյոք նրան պե՞տք է պատժել, և ինչ կանեի ես նրա փոխարեն։ Ես նրան ասացի, որ երբեք չես իմանա՝ որն է ճիշտ, որր՝ սխալ, բայց հասկանալի է, որ նա ուզում է պատժել։ Ես մի քիչ էլ գինի խմեցի։ Նա ծխախոտ վառեց ու բացատրեց իր մտահղացումը։ Ուզում է նամակ գրել, «քացու տակ գցել» և նաև այնպիսի բաներ, որ նրան ստիպեն զղջալ։ Հետո, երբ կինը վերադառնա, նա կպառկի հետը և հենց «վերջացնելու պահին» կթքի նրա երեսին ու դուրս կվռնդի։ Ես համարեցի, որ, իսկապես, այդ ձևով սիրուհին պատժված կլինի։ Բայց Ռեյմոնն ասաց, որ ինքն իրեն անկարող է համարում նամակ գրել, ինչպես հարկն է, և որ մտածել է, թե ես կարող եմ այդ անել։ Քանի որ լռում էի, նա հարցրեց, թե դժվա՞ր կլինի ինձ համար հենց հիմա գրել, և ես պատասխանեցի՝ ոչ։

Ռեյմոնը մի բաժակ էլ գինի խմեց ու վեր կացավ։ Մի կողմ հրեց ափսեները և սառած արնաերշիկի կտորը։ Խնամքով սրբեց սեղանի մոմլաթը, գիշերասեղանի դարակից հանեց վանդակավոր թուղթ, դեղին ծրար, կարմրափայտե մի գրիչ և մանիշակագույն թանաքով լի մի թանաքաման։ Երբ ինձ ասաց կնոջ անունը, հասկացա, որ մավրուհի է։ Կազմեցի նամակը։ Մի քիչ անփույթ էի գրել, բայց ջանացել էի գոհացնել Ռեյմոնին, որովհետև նրան դժգոհ թողնելու պատճառ չունեի։ Հետո բարձրաձայն կարդացի նամակը։ Ռեյմոնը լսում էր ծխելով ու գլուխր տմբտմբացնելով, հետո խնդրեց նորից կարդալ։ Շատ գոհ էր։ Ինձ ասաց.

― Ես գիտեի, որ դու լավ գիտես կյանքը։

Սկզբում չէի նկատել, որ ինձ «դու»–ով է դիմում։ Բայց երբ հայտարարեց՝ «Հիմա դու իմ իսկական ընկերն ես», ապշեցի։ Նա կրկնեց իր բացականչությունը, և ես պատասխանեցի՝ այո։

Ինձ միևնույն էր՝ ես նրա ընկերն էի, թե ոչ, իսկ Ռեյմոնը, դատելով իր տեսքից, իրոք, շատ էր ուզում, որ այդպես լիներ։ Նա կնքեց նամակը, և մենք մինչև վերջ խմեցինք գինին։ Հետո որոշ ժամանակ լուռ ծխում էինք։ Դրսում ամեն ինչ խաղաղ էր, լսվեց անցնող մեքենայի աղմուկր։ Ես ասացի.

― Ուշ է։

Ռեյմոնը նույն կարծիքին էր։ Ասաց, որ ժամանակն արագ է անցնում, և դա ինչ-որ իմաստով ճիշտ էր։ Քունս տանում էր, բայց ալարում էի վեր կենալ։ Երևի հոգնած տեսք ունեի, որովհետև Ռեյմոնն ասաց. «Չպետք է թուլանալ»։ Սկզբում չհասկացա։ Այնժամ նա բացատրեց, որ իմացել է մորս մահվան մասին, բայց դա այնպիսի բան էր, որ վաղ թե ուշ պիտի կատարվեր։ Ես նույն կարծիքին էի։

Վեր կացա։ Ռեյմոնը շատ ամուր սեղմեց ձեռքս և ասաց, որ իսկական տղամարդիկ միշտ լավ են հասկանում իրար։ Դուրս եկա նրա մոտից, փակեցի դուռը և սանդղահարթակում մի պահ մնացի մթության մեջ։ Շենքում անդորր էր, աստիճանների ներքևից բարձրանում էր մի անորոշ ու խոնավ շունչ։ Լսում էի միայն արյանս զարկերը, որ բզզում էին ականջներումս։ Անշարժ կանգնել էի։ Ծեր Սալամանոյի սենյակից լսվեց շան խուլ վնգստոցը։

IV

Ամբողջ շաբաթ լարված աշխատեցի։ Ռեյմոնը եկավ և ասաց, որ ուղարկել է նամակը։ էմանուելի հետ երկու անգամ կինո գնացի. նա բոլորովին չի հասկանում՝ ինչ է կատարվում էկրանին։ Հարկ է լինում անընդհատ բացատրություններ տալ։ Իսկ երեկ՝ շաբաթ օրը, Մարին էր եկել, ինչպես պայմանավորվել էինք։ Նրան տեսնելով՝ իմ մեջ ցանկություն առաջացավ, որովհետև հագել էր կարմիր ու ճերմակ զոլերով գեղեցիկ շրջազգեստ և կաշվե ոտնամաններ։ Ընդգծված էր նրա պիրկ կուրծքը, իսկ արևառ դեմքը բացվել էր ծաղկի պես։ Մենք ավտոբուս նստեցինք և, Ալժիրից մի քանի կիլոմետր հեռանալով, մի լողափ գտանք ժայռերի մեջ սեղմված ու ցամաքից եղեգներով եզերված։ ժամը չորսի արևը շատ ուժեղ չէր, բայց ջուրը տաք էր և ալիքվում էր փոքրիկ, երկարաձիգ ու ալարկոտ կոհակներով։

Մարին խաղ սովորեցրեց ինձ. պետք էր լողալիս ալիքների ամենաբարձր կետից ջուր խմել, բերանում հավաքել ամբողջ փրփուրը և հետո, մեջքի վրա մեկնված, այդ ջուրի ցայտեցնել դեպի երկինք։ Այդպիսով, ստացվում էր փրփրալից մի ժանեկահյուս, որը կամ չքանում էր օդում, կամ տաք անձրևի նման նորից թափվում դեմքիդ։ Բայց որոշ ժամանակից հետո բերանս արդեն այրվում էր աղի դառնությունից։ Մարին մոտեցավ ու սեղմվեց ինձ։ Ջրի մեջ նա շուրթերի սեղմեց իմ շուրթերին։ Նա լեզվով թրջում–թարմացնում էր իմ շուրթերը, և մի պահ մենք միասին թավալվեցինք ալիքներում։

Երբ կրկին դուրս եկանք լողափ և հագնվում էինք, Մարին ինձ նայեց իր փայլուն աչքերով։ Ես համբուրեցի նրան։ Այդ պահից սկսած մենք այլևս չխոսեցինք։ Ես գրկել էի նրան, և մենք շտապում էինք ավտոբուս գտնել, արագ վերադառնալու նետվել անկողին։ Ես պատուհանը բաց էի թողել, և անչափ հաճելի էր զգալ, թե ինչպես է ամառային գիշերվա սյուքը սահում մեր արևառ մարմինների վրայով։

Այդ առավոտ Մարին մնաց ինձ մոտ, և ես ասացի, որ մենք միասին կնախաճաշենք։ Իջա միս գնելու։ Վերադառնալիս Ռեյմոնի սենյակից կնոջ ձայն լսեցի։ Դրանից քիչ հետո ծերուկ Սալամանոն հայհոյեց իր շանը։ Լսվեց ներբանների ու ճանկերի աղմուկը փայտե աստիճանների վրա, հետո «Կեղտոտ։ Սատկած»–ը, և նրանք իջան փողոց։ Ես Մարիին պատմեցի ծերուկի մասին, և նա ծիծաղեց։ Նա հագել էր իմ տնային հագուստներից մեկը ու թևքերը վեր էր քշտել։ Երբ նա ծիծաղեց, ես նորից ցանկացա նրան։ Մի պահ անց նա հարցրեց, թե սիրո՞ւմ եմ իրեն։ Ես պատասխանեցի, որ դա ոչ մի նշանակություն չունի, բայց ինձ թվում է՝ ոչ։ Նա կարծես տխրեց։ Բայց նախաճաշ պատրաստելիս և առանց որևէ առիթի նա այնպես նորից ծիծաղեց, որ ես համբուրեցի նրան։ Եվ հենց այդ պահին Ռեյմոնի սենյակից լսվեց տուրուդմփոցի աղմուկը։

Սկզբում հնչեց կնոջ սուր ճիչը, ապա Ռեյմոնի ձայնը, որն ասում էր.

― Ինձ խաբում էիր, խաբում էիր, քեզ խաբել ցույց կտամ։

Լսվեցին մի քանի խուլ հարվածներ, և կինն այնպես ահավոր ոռնաց, որ սանդղահարթակն իսկույն լցվեց մարդկանցով։ Մենք նույնպես՝ Մարին ու ես, դուրս եկանք։ Կինը շարունակում էր ճչալ, իսկ Ռեյմոնը՝ ծեծել։ Մարին ասաց, որ սոսկալի է, իսկ ես ոչինչ չպատասխանեցի։ Նա ինձ խնդրեց ոստիկան կանչել, բայց ես ասացի, որ չեմ սիրում ոստիկաններին։ Այնուամենայնիվ, մի ոստիկան հայտնվեց երկրորդ հարկի ջրմուղագործ կենվորի ուղեկցությամբ։ Նա բախեց դուռը։ Մի պահ լռություն տիրեց։ Ոստիկանն ավելի ուժգին բախեց դուռը, և մի փոքր անց կինը սկսեց լացել։ Ռեյմոնը բացեց դուռը՝ ծխախոտը բերանում, կեղծավոր տեսքով։ Կինը դուրս թռավ դռնից և հայտարարեց, որ Ռեյմոնը ծեծել է իրեն։

― Անունդ,– ասաց ոստիկանը։

Ռեյմոնը պատասխանեց։

― Հանիր ծխախոտը բերանիցդ, երբ խոսում ես ինձ հետ,– ասաց ոստիկանը։

Ռեյմոնը վարանեց, նայեց ինձ ու ծուխը ներս քաշեց։ Այդ պահին ոստիկանը որքան ուժ ուներ մի ծանր ու թափով ապտակ հասցրեց։ Ծխախոտը մի քանի մետր հեռու թռավ։ Ռեյմոնն այլայլվեց, բայց այդ պահին ոչինչ չասաց։ Հետո խոնարհ ձայնով հարցրեց, թե կարելի՞ է ծխախոտի մնացորդը վերցնել։ Ոստիկանն ասաց, որ կարելի է և ավելացրեց.

― Բայց մյուս անգամ կիմանաս, որ ոստիկանը խամաճիկ չէ քեզ համար։

Այդ ընթացքում աղջիկը լաց էր լինում ու կրկնում.

― Ինձ ծեծում էր սա, այս բոզարածը։

― Պարոն ոստիկան,– հարցրեց Ռեյմոնը,– ըստ օրենքի կարելի՞ է մարդուն բոզարած անվանել։

Բայց ոստիկանը հրամայեց «ռեխը փակել»։ Այնժամ Ռեյմոնը շուռ եկավ աղջկա կողմն ու ասաց.

― Սպասի՜ր, փոքրիկս, մենք դեռ կհանդիպենք։

Ոստիկանը նրան հրամայեց փակել բերանը և ասաց, որ աղջիկը կարող է գնալ, իսկ ինքը պարտավոր է մնալ և սպասել, մինչև իրեն կանչեն ոստիկանատուն։ Նա ավելացրեց, որ Ռեյմոնը պետք է ամաչի, որ այդքան հարբած է և դողում է ոտքի վրա։ Այստեղ Ռեյմոնը սկսեց բացատրել.

― Ես հարբած չեմ, պարոն ոստիկան։ Բայց քանի որ կանգնած եմ այստեղ՝ ձեր առջև, անկախ ինձնից դողում եմ։

Նա փակեց դուռը, և բոլորը ցրվեցին։ Մարին ու ես վերջացրինք նախաճաշ պատրաստելը։ Բայց նա քաղցած չէր, և ամբողջը գրեթե ես կերա։ Նա գնաց ժամը մեկին, իսկ ես մի քիչ քնեցի։

Ժամը երեքի մոտ դուռը թակեցին։ Ներս մտավ Ռեյմոնը։ Ես պառկած մնացի։ Նա նստեց անկողնուս եզրին։ Մի պահ անխոս մնաց։ Նրան հարցրի, թե ինչպես էին գործերը։ Պատմեց, որ հասել էր ուզածին, բայց կինն ապտակել էր իրեն, դրա համար էլ ինքը սկսել էր ծեծել։ Մնացածին ես ականատես էի եղել։ Ասացի, որ, իմ կարծիքով, այժմ կինը պատժված է, և որ նա պետք է գոհ լինի։ Համաձայն էր, բայց նկատեց, որ ոստիկանն իզուր այդպես վարվեց, միևնույն է, ոչինչ չի կարող փոխել, ինքն իր ուզած հարվածներն արդեն հասցրել է։ Ավելացրեց նաև, որ լավ գիտի ոստիկաններին և նրանց հետ վարվելու ձևը։ Հարցրեց, թե ես սպասո՞ւմ էի, որ ինքը կպատասխաներ ոստիկանի ապտակին։ Ասացի, որ ոչինչ էլ չէի սպասում, և որ ընդհանրապես չեմ սիրում ոստիկաններին։ Ռեյմոնը շատ գոհ տեսք ընդունեց։ Հարցրեց, թե չէի՞ ուզենա դուրս գալ իր հետ։ Ես վեր կացա և սկսեցի սանրվել։ Նա ասաց, որ ինձ հարկ կլինի հանդես գալ որպես իր վկան։ Ինձ համար միևնույն էր, սակայն չգիտեի ասելիքս։ Ըստ Ռեյմոնի՝ բավական կլիներ հայտարարել, որ աղջիկն ինձ դավաճանել էր։ Ես համաձայնեցի վկայություն տալ նրա օգտին։

Մենք դուրս եկանք, և Ռեյմոնն ինձ ընտիր կոնյակ հյուրասիրեց։ Հետո ցանկացավ բիլիարդ խաղալ։ Ինձ հաղթեց փոքր առավելությամբ։ Այնուհետև ուզում էր հասարակաց տուն գնալ, բայց ես ասացի՝ ոչ, որովհետև դա ինձ դուր չի գալիս։ Մենք դանդաղ վերադարձանք։ Նա ինձ ասում էր, թե որքան ուրախ է, որ հաջողվել է պատժել սիրուհուն։ Իմ կարծիքով՝ նա շատ սիրալիր էր իմ հանդեպ, և ես մտածեցի, որ մենք լավ ժամանակ անցկացրինք։

Հեռվից դռան շեմին նկատեցի ծերուկ Սալամանոյին, որը գրգռված էր երևում։ Երբ մոտեցանք, տեսա, որ շունը հետը չէր։ Ծերուկը նայում էր չորսբոլորը, պտտվում ինքն իր շուրջը, ջանում որևէ բան գտնել և նորից ու նորից տնտղում փողոցը իր մանրիկ ու կարմրավուն աչքերով։ Երբ Ռեյմոնը հարցրեց, թե ինչ է պատահել, նա միանգամից չպատասխանեց։ Ես անորոշ լսեցի, որ նա քրթմնջաց. «Կեղտոտ։ Սատկած», և շարունակեց դեսուդեն ընկնել։ Ես հարցրի, թե որտեղ է շունը։ Նա կտրուկ պատասխանեց, որ փախել է։ Եվ հետո, հանկարծ սկսեց արագ-արագ վրա տալ.

― Սովորականի նման ես նրան տարել էի Զինավարժությունների դաշտ։ Տոնավաճառային կրպակների մոտ շատ մարդ կար։ Ես էլ կանգնեցի ու նայում էի «Փախստականների արքան»։ Հետո, երբ ուզեցի նորից առաջ շարժվել, նա այլևս չկար։ Իհարկե, երկար ժամանակ է՝ ուզում էի նրա համար ավելի փոքր վզնոց գնել, բայց մտքովս անգամ չէր անցնում, թե այդ սրիկան կարող է այդպես փախչել։

Ռեյմոնը նրան բացատրեց, որ շունը կարող էր մոլորվել և դեռ կարող է վերադառնալ։ Նա բազմաթիվ օրինակներ բերեց, երբ շները տասնյակ կիլոմետրեր են կտրել տիրոջը գտնելու համար։ Չնայած այդ ամենին՝ ծերուկը հուզված էր.

― Բայց, հասկացեք, շանս կխլեն ինձնից։ Գոնե մեկնումեկը վերցներ նրան։ Դե, ոչ, անհնար է, նա շատ զզվելի է իր վերքերով։ Ոստիկանները կբռնեն, պարզ է։

Այդ ժամանակ ես նրան ասացի, որ պետք է գնալ անտեր շների փակարան, մուծել ինչ-որ տուգանք, և շանը կվերադարձնեն։ Այստեղ ծերուկը բորբոքվեց.

― Փո՞ղ տալ այդ սրիկայի համար։ Երբեք, թող սատկի։

Եվ սկսեց հայհոյել։ Ռեյմոնը ծիծաղեց ու ներս մտավ։ Ես հետևեցի նրան։ Մենք բաժանվեցինք մեր հարթակում։ Քիչ անց լսեցի ծերուկի ոտնաձայնը։ Նա թակեց իմ դուռը։ Երբ բացեցի, մի պահ մնաց շեմին, հետո ասաց.

― Կներեք ինձ, կներեք։

Ես ներս հրավիրեցի, բայց նա չուզեց մտնել։ Նայում էր կոշիկի քթերին։ Կոշտուկներով ծածկված ձեռքերը դողում էին։ Դեմքիս չնայելով՝ հարցրեց.

― Նրանք ինձնից չեն խլի իմ շանը, չէ՞, պարոն Մյորսո։ Ասացեք, կվերադարձնե՞ն ինձ։ Ի՞նչ պիտի անեմ։

Ես նրան ասացի, որ փակարանում շներին պահում են երեք օր։ Տիրոջ տրամադրության տակ այդ երեք օրն է, իսկ հետո անում են այն, ինչ հարմար են գտնում։

Լուռ նայեց ինձ, հետո ասաց.

― Բարի գիշեր։

Դուռը փակվեց, և ես լսեցի, որ նա գնում-գալիս է սենյակում։ Մահճակալը ճռռաց։ Միջնորմի ետևից լսվող տարօրինակ, կարճ ձայներից հասկացա, որ ծերուկը լաց է փնում։ Չգիտես ինչու՝ հիշեցի մորս։ Բայց առավոտյան վաղ պիտի արթնանայի։ Քաղցած չէի և պառկեցի առանց ընթրելու։

V

Ռեյմոնը գրասենյակ զանգահարեց։ Ասաց, որ իր ընկերներից մեկը (ում պատմել է իմ մասին) հրավիրում է ինձ կիրակի օրն անցկացնել Ալժիրից ոչ հեռու գտնվող իր տնակում։ Ես պատասխանեցի, որ շատ կուզենայի գնալ, սակայն խոստացել եմ այդ օրը նվիրել ընկերուհուս։ Ռեյմոնն անմիջապես հայտարարեց, որ նրան էլ է հրավիրում։ Ընկերոջ կինը շատ կուրախանա, որ մենակ չի լինի տղամարդկանց միջավայրում։

Ես ուզում էի շուտափույթ կախել հեռախոսը, որովհետև պետս չի սիրում, երբ մեզ զանգում են քաղաքից։ Բայց Ռեյմոնը խնդրեց սպասել և ասաց, որ հրավերքի մասին կարող էր երեկոյան էլ հայտնել, բայց ուրիշ բան կա ասելու, ամբողջ օրն իրեն հետևել էին մի խումբ արաբներ, որոնց մեջ էր եղել նաև նախկին սիրուհու եղբայրը։

― Եթե երեկոյան նրան տեսնես մեր տան մոտակայքում, զգուշացրու ինձ։

Ես ասացի, որ հասկանալի է։

Քիչ անց պետս ինձ կանչեց, և մի պահ տրամադրությունս ընկավ, որովհետև կարծում էի, թե կասի՝ ավեփ քիչ խոսեք հեռախոսով և ավեփ լավ աշխատեք։ Բնավ այդպես չէր։ Նա հայտարարեց, որ ինձ հետ ցանկանում է խոսել դեռևս անորոշ մի ծրագրի մասին։ Միայն ուզում է իմանալ իմ կարծիքր։ Մտադիր է գրասենյակ բացել Փարիզում, որը տեղում գործարքներ կվարի անմիջականորեն խոշոր ձեռնարկությունների հետ։ Եվ կուզենար իմանալ իմ մտադրությունը տեղափոխվելու առնչությամբ։ Դա ինձ հնարավորություն կընձեռեր ապրել Փարիզում և նաև ճանապարհորդել տարվա մի մասը։

― Դուք երիտասարդ եք, և, իմ կարծիքով, նման կյանքը ձեզ դուր կգա։

Ես ասացի՝ այո, բայց նաև, որ, ըստ էության, ինձ համար միևնույն է։

Այդ ժամանակ նա հարցրեց, թե շահագրգռված չե՞մ փոխել կյանքս։ Պատասխանեցի, որ երբեք չես կարող փոխել կյանքդ, որ, ի վերջո, ամեն ինչ նույնն է, և իմ ունեցածը լիովին բավարարում է ինձ։ Նա դժգոհ տեսք ընդունեց և ասաց, որ ես միշտ տարտամ պատասխաններ եմ տալիս, որ փառատենչ չեմ, մի բան, որ աղետալի է գործարարության մեջ։ Վերադարձա աշխատանքիս։ Իհարկե, կնախրնտրեի նրան գոհացնել, բայց կյանքս փոխելու որևէ պատճառ չունեի։ Եթե խորը մտածենք, ես դժբախտ չեմ։ Երբ ուսանող էի, այդ կարգի նկրտումներ շատ էի ունենում։ Բայց երբ ստիպված եղա թողնել ուսումս, շատ արագ հասկացա, որ այդ ամենը էական նշանակություն չունի։

Երեկոյան Մարին եկավ ու հարցրեց, թե չէի՞ ուզենա ամուսնանալ իր հետ։ Ասացի, որ ինձ համար միևնույն է, և որ մենք կարող ենք դա անել, եթե ուզում է։ Նա հարցրեց, թե սիրո՞ւմ եմ իրեն։ Պատասխանեցի, ինչպես արդեն մի անգամ ասել էի, այսինքն՝ դա ոչ մի նշանակություն չունի, բայց, անկասկած, ես չեմ սիրում իրեն։

― Այդ դեպքում ինչո՞ւ ես ամուսնանում ինձ հետ,– հարցրեց նա։

Բացատրեցի, որ դա կարևոր չէ, և եթե ցանկանում է, մենք կարող ենք ամուսնանալ։ Ասենք, հենց ինքն էր խնդրողը, իսկ ես գոհանում էի «այո» ասելով։ Նա նկատեց, որ ամուսնությունը լուրջ խնդիր է։ Պատասխանեցի՝ «Ոչ»։ Մի պահ լռեց, անթարթ նայում էր ինձ։ Հետո նորից խոսեց։ Պարզապես ուզում էր իմանալ, թե ես կընդունեի՞ մեկ այլ կնոջ նույնատիպ առաջարկը, որի հետ կապված լինեի նույն ձևով։ Ես ասացի. «Բնականաբար»։ Այդ ժամանակ նա ինքն իրեն հարցրեց, թե արդյոք սիրո՞ւմ է ինձ։ Ես անկարող էի իմանալ այդ մասին։ Եվս մի րոպե լռելուց հետո մրմնջաց, թե ես տարօրինակ եմ, և որ, անկասկած, հենց դրա համար է ինձ սիրում, բայց թերևս մի օր ես իրեն զզվեցնեմ հենց նույն պատճառով։ Եվ քանի որ լռում էի, որովհետև ոչինչ չունեի ավելացնելու, նա ժպտալով թևանցուկ արեց ինձ և հայտարարեց, որ ուզում է ամուսնանալինձ հետ։ Պատասխանեցի, որ մենք դա կանենք, երբ ինքն ուզենա։ Այդ ժամանակ նրան պատմեցի պետիս առաջարկի մասին, և Մարին ասաց, որ կուզենար ծանոթանալ Փարիզին։ Ես նրան հայտնեցի, որ որոշ ժամանակ ապրել եմ այնտեղ։ Հարցրեց, թե ինչպիսին է այն։ Ասացի.

― Աղտոտ քաղաք է, որտեղ կան աղավնիներ ու մութ բակեր։ Մարդիկ սպիտակ մաշկ ունեն։

Հետո իջանք քաղաք ու քայլեցինք մեծ փողոցներով։ Կանայք գեղեցիկ էին, և ես հարցրի, թե նկատո՞ւմ է դա։ Որոշ ժամանակ մենք լուռ էինք։ Սակայն ուզում էի, որ նա մնար ինձ հետ, և ասացի, որ կարող էինք միասին ճաշել Սելեստի մոտ։ Շատ կուզեր, բայց գործ ուներ։ Հասել էինք իմ տան մոտ, և ես նրան ասացի. «Ցտեսություն»։ Նայեց ինձ.

― Չե՞ս ուզում իմանալ՝ ինչ գործ ունեմ։

Շատ էի ուզում, բայց մտքովս չէր անցնում հարցնել, որի համար նա կարծես հանդիմանում էր ինձ։ Այդ ժամանակ, տեսնելով իմ շփոթմունքը, նա նորից ծիծաղեց, ողջ մարմնով ձգվեց դեպի ինձ ու համբուրեց շրթունքներս։

Ճաշեցի Սելեստի մոտ։ Արդեն սկսել էի ուտել, երբ ներս մտավ փոքրամարմին, մի տարօրինակ կին և հարցրեց, թե կարելի՞ է նստել ինձ մոտ։ Նրա շարժուձևերը կտրուկ էին, իսկ աչքերը փայլում էին խնձորի պես կլոր, փոքրիկ դեմքին։ Հանեց ժակետը, նստեց ու սկսեց տենդագին ուսումնասիրել ճաշացուցակը։ Կանչեց Սելեստին և իսկույն հստակ, բայց փութկոտ ձայնով պատվիրեց իր ուզած կերակրատեսակները։ Խորտիկներին սպասեփս բացեց պայուսակը, հանեց փոքր, քառակուսի թուղթ ու մատիտ, նախօրոք կազմեց հաշիվը, բացեց դրամապանակը և, ավելացնելով թեյադրամը, ճշգրիտ գումարը դրեց իր առաջ։ Այդ պահին բերեցին խորտիկները, որոնք նա կուլ տվեց մեծ արագությամբ։ Մինչ կբերեին հաջորդ կերակրատեսակները, պայուսակից նորից հանեց մի կապույտ մատիտ ու ամսագիր, որից կարելի էր իմանալ շաբաթվա ռադիոծրագրերի մասին։ Մեծ խնամքով մեկ առ մեկ ընդգծեց գրեթե բոլոր հաղորդումները։ Եվ քանի որ ամսագիրը մոտ տասներկու էջ ուներ, նա գործը մանրակրկիտ շարունակեց ամբողջ ճաշի ընթացքում։ Ես արդեն վերջացրել էի, իսկ նա դեռ խզբզում էր նույն ջանասիրությամբ։ Հետո վեր կացավ, ավտոմատի նման նույն ճշգրիտ շարժումներով հագավ ժակետն ու գնաց։ Եվ քանի որ բան ու գործ չունեի, ես նույնպես դուրս եկա ու գնացի նրա ետևից։ Նա քայլում էր մայթեզրով, անհավատալի արագությամբ ու ինքնավստահությամբ, առանց շեղվելու և առանց շրջվելու։ Ի վերջո, նրան կորցնելով իմ տեսադաշտից, ես ետ դարձա։ Մտածեցի, որ տարօրինակ կին էր, բայց իսկույնևեթ մոռացա նրան։

Դռանս մոտ հանդիպեցի ծերուկ Սալամանոյին։ Ներս հրավիրեցի, և նա ինձ հայտնեց, որ շունը կորել է, որովհետև փակարանում էլ չի եղել։ Այնտեղ նրան ասել էին, թե գուցե մեքենայի տակ է ընկել։ Նա հարցրել էր, թե հնարավոր չէ՞ արդյոք պարզել ոստիկանատան միջոցով։ Նրան պատասխանել էին, որ այդպիսի փոքր գործերը չեն գրանցվում, որովհետև նման դեպքեր պատահում են ամեն օր։ Ես ծերուկ Սալամանոյին ասացի, որ նա կարող է ուրիշ շուն ձեռք բերել, բայց նա իրավացի էր, երբ բացատրեց, որ այդ մեկին սովոր էր։

Ես կծկվել էի մահճակալիս, իսկ Սալամանոն նստել էր սեղանի մոտ դրված աթոռին, դեմքով դեպի ինձ, երկու ձեռքն էլ ծնկներին։ Նա չէր հանել իր հնամաշ ծղոտե գլխարկը։ Դեղնած բեղերի տակից կցկտուր նախադասություններ էր ծամծմում։ Ծերուկը փոքր–ինչ ձանձրացնում էր ինձ, բայց ես անելիք չունեի, և քունս չէր տանում։ Ինչ-որ բան ասած լինելու համար ես հարցուփորձ արեցի շան մասին։ Ասաց, որ շանը վերցրել էր կնոջ մահից հետո։ Բավական ուշ էր ամուսնացել։ Երիտասարդ ժամանակ ցանկացել էր դերասան դառնալ, գնդում ծառայելիս խաղացել էր զինվորական վոդևիլներում։ Բայց, ի վերջո, մտել էր երկաթուղի և չէր զղջում, քանի որ հիմա փոքրիկ թոշակ էր ստանում։ Երջանիկ չէր եղել իր կնոջ հետ, բայց ընդհանուր առմամբ վարժվել էր նրան։ Եվ երբ կինը մահացել էր, նա իրեն շատ մենակ էր զգացել։ Դրա համար էլ արհեստանոցի մի ընկերոջից շուն էր խնդրել։ Նրան տվել էին շատ փոքրիկ մի քոթոթ, որին հարկ էր եղել կերակրել ծծակով։ Բայց քանի որ շունը մարդուց ավելի քիչ է ապրում, նրանք միասին էին ծերացել։

― Նա վատ բնավորություն ուներ,– ասաց Սալամանոն։ ― ժամանակ առ ժամանակ մենք ծեծկվում էինք։ Բայցևայնպես լավ շուն էր։

Ես ասացի, որ ցեղական շուն էր, և Սալամանոն գոհ մնաց։

― Դուք դեռ նրան չէիք տեսել մինչև հիվանդանալը,– ավելացրեց նա։ ― Ի՜նչ գեղեցիկ մազեր ուներ։

Իսկ ինչ ձեռք էր բերել այդ մաշկային հիվանդությունը, Սալա– մանոն ամեն առավոտ և ամեն երեկո քսուքով շփում էր նրան։ Բայց, իր կարծիքով, նրա իսկական հիվանդությունը ծերությունն էր, իսկ ծերությունն անբուժելի է։

Այդ պահին ես հորանջեցի, և ծերուկն ասաց, որ գնում է։ Ես ասացի, որ կարող է էլի մնալ, որ ես վշտացած եմ շան համար։ Նա շնորհակալություն հայտնեց, ասաց, որ մայրս շատ էր սիրում շանը։ Մորս մասին խոսելիս, ասում էր. «Ձեր խեղճ մայրը»։ Նա ենթադրում էր, որ ինձ դժբախտ եմ զգում մորս մահից հետո։ Ես ոչինչ չպատասխանեցի։ Այդ ժամանակ նա արագ-արագ և նեղվելով ասաց, որ տեղյակ է, թե թաղում իմ մասին վատ են խոսում, որովհետև մորս ծերանոց եմ տարել, բայց ինքն ինձ լավ է ճանաչում և գիտի, որ ես շատ էի սիրում մորս։ Չգիտեմ ինչու, ասացի, որ մինչև հիմա չեմ իմացել, որ ինձ դատապարտել են դրա համար, բայց մորս ծերանոց տեղափոխելը բնական է թվացելինձ, որովհետև ես բավականաչափ դրամ չեմ ունեցել մորս պահելու համար։

― Եվ հետո,– ավելացրի ես,– արդեն երկար ժամանակ նա ոչինչ չուներ ինձ հետ խոսելու և միայնակ ձանձրանում էր։

― Այո,– նկատեց Սալամանոն,– ծերանոցում գոնե ընկերներ ես գտնում։

Հետո ներողություն խնդրեց, քնել էր ուզում։ Այժմ իր կյանքը փոխվում էր, և լավ չէր պատկերացնում, թե ինչ է անելու։ Մեր ծանոթությունից ի վեր առաջին անգամ նա աննկատելիորեն ինձ մեկնեց ձեռքը, և ես զգացի նրա թեփուկավոր մաշկի կոշտությունը։ Թեթևակի ժպտաց և մեկնելուց առաջ ասաց.

― Հույս ունեմ, որ այս գիշեր շները չեն հաչի։ Անընդհատ ինձ թվում է, թե իմ շունն է։

VI

Կիրակի առավոտյան մեծ դժվարությամբ արթնացա։ Հարկ եղավ, որ Մարին անունս տա, ցնցի ինձ։ Չնախաճաշեցինք, քանի որ ուզում էինք հնարավորին չափ շուտ լողանալ։ Ինձ լրիվ դատարկված էի զգում, գլուխս ցավում էր։ Ծխախոտy դառնահամ էր թվում։ Մարին սկսեց ծաղրել ինձ. «Կարծես թաղումից ես գալիս»։ Ճերմակ շրջազգեստ էր հագել, մազերն էլ արձակ էին։ Ես նրան ասացի, որ գեղեցիկ է, և նա ուրախությունից ծիծաղեց։

Իջնելիս թակեցինք Ռեյմոնի դուռը։ Նա պատասխանեց, որ դուրս է գափս։ Փողոցում՝ հոգնածության, ինչպես նաև մեր սենյակի փակ լուսափեղկերի պատճառով ցերեկվա արևալից լույսն ասես ապտակեց դեմքս։ Մարին հրճվանքից թռչկոտում էր և անընդհատ կրկնում, թե ինչ լավ եղանակ է։ Կամաց-կամաց ինձ ավելի լավ զգացի։ Գլխի ընկա, որ քաղցած եմ։ Այդ մասին ասացի Մարիին։ Բայց նա ցույց տվեց իր մոմլաթե պայուսակը, ուր տեղավորել էր միայն լողազգեստներն ու սրբիչը։ Սպասելուց բացի ոչինչ չէի կարող անել։ Լսեցինք, թե ինչպես Ռեյմոնը փակեց դուռը։ Նա հագել էր կապույտ շալվար և կարճաթև սպիտակ վերնաշապիկ։ Դրել էր մակույկավարի գլխարկ, որը Մարիի ծիծաղը շարժեց։ Դաստակներից վեր մաշկը շատ սպիտակ էր, ծածկված սև մազերով, որն ինձ զզվելի էր թվում։ Իջավ շվշվացնելով, տեսքը չափազանց ինքնագոհ էր։ Ինձ ասաց. «Ողջո՜ւյն, ծերուկ», իսկ Մարիին «օրիորդ» անվանեց։

Նախորդ օրը մենք գնացել էինք ոստիկանատուն, և ես վկայություն էի տվել, որ աղջիկը «դավաճանել» էր Ռեյմոնին։ Բավարարվեցին նախազգուշացումով։ Իմ ցուցմունքը չստուգեցին։

Մուտքի մոտ մենք դա քննարկեցինք Ռեյմոնի հետ։ Հետո որոշեցինք ավտոբուս նստել։ Լողափը շատ հեռու չէր, բայց մեքենայով ավելի արագ կհասնեինք։ Ռեյմոնի կարծիքով ընկերն ուրախ կլիներ մեզ ավեփ շուտ տեսնել։ Ուզում էինք մեկնել, երբ հանկարծ Ռեյմոնն ինձ նշան արեց, որ դիմացս նայեմ։ Ես տեսա մի խումբ արաբների, որոնք շարված էին կրպակի առջև։ Նրանք լուռ մեզ էին նայում, բայց այնպիսի հայացքով, որ մենք կարծես ոչ ավելի, ոչ պակաս քար էինք կամ չոր փայտ։ Ռեյմոնն ասաց, որ ձախից երկրորդն իր ասած մարդն էր։ Նա մռայլվեց, սակայն ավելացրեց, որ այդ պատմությունն արդեն ավարտված է։ Մարին այնքան էլ լավ չէր հասկանում, թե բանն ինչ է։ Ես նրան բացատրեցի, որ դրանք արաբներ են, որոնք հաշիվներ ունեն Ռեյմոնի հետ։ Մարին ուզեց, որ մենք անմիջապես մեկնենք։ Ռեյմոնը ձգվեց ու ծիծաղելով ասաց, որ պետք է շտապել։

Գնացինք ավտոբուսի կանգառ, որն այնքան էլ մոտ չէր, և Ռեյմոնն ինձ ասաց, որ արաբները մեզ չեն հետապնդում։ Ես շրջվեցի, նրանք նույն տեղում էին և նույն անտարբերությամբ նայում էին այնտեղ, որտեղից եկել էինք մենք։ Ավտոբուս նստեցինք։ Ռեյմոնը, որ լրիվ թեթևացած տեսք ուներ, շարունակ կատակներ էր անում Մարիի հետ։ Ես զգացի, որ Մարին Ռեյմոնին դուր է գափս, բայց նա գրեթե չէր պատասխանում, միայն մերթ-մերթ նայում էր Ռեյմոնին ու ծիծաղում։

Իջանք Ալժիրի արվարձանում։ Լողափը հեռու չէր ավտոբուսի կանգառից, բայց հարկ եղավ կտրել-անցնել մի փոքրիկ սարավանդ, որն ասես վերից իշխում էր ծովին՝ իջնելով լողափ։ Այն ծածկված էր շրեշներով, որոնք ճեփ-ճերմակ էին թվում երկնքի արդեն մուգ կապույտ պաստառի վրա։ Մարին զվարճանում էր, մոմլաթե պայուսակով խփում, ցիրուցան անում ծաղկաթերթիկները։ Մենք անցանք կանաչ կամ սպիտակ ցանկապատերով առանձնացված փոքրիկ ամառատների շարասյան միջով։ Այդ տնակներից մի քանիսն իրենց պատշգամբներով թաքնված էին կարմրանների տակ, իսկ մյուսներր կանաչազուրկ էին ու ցցված քարերի մեջ։ Սարավանդի եզրին հասնելուց առաջ կարելի էր արդեն նշմարել անշարժ ծովը, իսկ ավելի հեռվում՝ վճիտ ջրի մեջ նիրհող հրվանդանի վիթխարի զանգվածը։ Հանդարտ օդի միջով մեր ականջին հասավ շարժիչի թեթև հռնդյունը, և հեռու-հեռվում մենք տեսանք մի փոքրիկ ձկնորսանավ, որն աննկատ առաջանում էր փայլակնացայտ ծովի վրայով։ Մարին մի քանի վայրի հիրիկ քաղեց։ Դեպի ծովն իջնող զառիթափից մենք տեսանք, որ արդեն լողացողներ կային։

Ռեյմոնի ընկերն ապրում էր լողափի եզրին գտնվող փայտաշեն մի փոքրիկ հյուղակում։ Տնակը կռթնած էր ժայռին, իսկ առջևի մասով հենվում էր ջրում խրված ցցագերաններին։ Ռեյմոնը մեզ ներկայացրեց ընկերոջը, որի անունը Մասոն էր։ Նա հաղթանդամ էր, բարձրահասակ ու թիկնեղ, իսկ փոքրիկ կինը՝ գնդլիկ ու սիրունատես, խոսում էր Փարիզի առոգանությամբ։ Մասոնն անմիջապես ասաց, որ մենք մեզ ազատ զգանք, և որ իրենք ունեն տապակած ձուկ, որ հենց այդ առավոտ են բռնել։ Ես նրան ասացի, որ իր տնակը շատ գեղեցիկ է։ Նա ինձ հայտնեց, որ ամեն շաբաթ ու կիրակի, ինչպես նաև արձակուրդն այստեղ է անցկացնում։

― Ես ու կինս լավ ենք հասկանում իրար,– ավելացրեց նա։

Այդ պահին կինը ծիծաղելով զրուցում էր Մարիի հետ։ Եվ թերևս առաջին անգամ ես մտածեցի, որ շուտով կամուսնանամ։

Մասոնը ցանկանում էր լողալ, բայց կինն ու Ռեյմոնը չուզեցին գալ։ Մենք երեքով իջանք ներքև, և Մարին իսկույն նետվեց ջուրը։ Մասոնն ու ես փոքր-ինչ հապաղեցինք։ Մասոնը դանդաղ էր խոսում, և ես նկատեցի, որ սովորություն ունի ասածը լրացնել «ավելին կասեի»–ով, նույնիսկ, եթե ըստ էության ոչինչ չունի ավելացնելու նախադասության իմաստին։ Մարիի մասին ինձ ասաց.

― Ապշեցուցիչ է, ավելին կասեի՝ հմայիչ է։

Հետո ես այլևս ուշադրություն չէի դարձնում նրա այդ մոլությանը, որովհետև տարված էի արևի բարերար ջերմությունն ըմբոշխնելով։ Ավազն սկսեց այրել ոտքերս։ Մեկ անգամ ևս հետաձգեցի ջուրը մտնելու ցանկությունս, բայց, ի վերջո, ասացի Մասոնին.

― Չգնա՞նք։

Սուզվեցի։ Իսկ Մասոնը դանդաղ մտավ ջուրը և նետվեց այն ժամանակ, երբ ոտքերը կտրվեցին գետնից։ Նա գորտնալող էր տալիս և այնքան վատ, որ թողեցի նրան ու հասա Մարիին։ Ջուրը սառն էր, և ես հաճույքով էի լողում։ Մարիի հետ մենք լողացինք հեռու և զգացինք մեր շարժումների ու բավարարվածության ներդաշնակությունը։

Բաց ծովում մենք ուղիղ ձգվեցինք ջրի վրա. առ երկինք շրջված իմ դեմքից արևը հեռացնում էր ջրաշիթերի վերջին շղարշները, որոնք լցվում էին բերանս։ Մենք տեսանք, որ Մասոնը դուրս եկավ լողափ ու փռվեց արևի տակ։ Հեռվից նա հսկա էր թվում։ Մարին ուզում էր, որ միասին լողայինք։ Հետևի կողմից ես գրկեցի նրա մեջքը, և մենք լողացինք։ Մարին ամբողջ ուժով շարժում էր թևերը, իսկ ես նրան ուժ էի տալիս ոտքերով։ Առավոտվա անդորրի մեջ ջրային հարվածների այդ հազիվ լսելի ճողփյունը երկար ժամանակ ուղեկցում էր մեզ, մինչև որ ես հոգնություն զգացի։ Այնժամ ես թողեցի Մարիին և, կանոնավոր լող տալով ու լիաթոք շնչելով, վերադարձա։ Ափին բերանքսիվայր փռվեցի Մասոնի կողքին ու դեմքս խրեցի ավազների մեջ։ Ասացի. «Լա՜վ էր»։ Նա նույն կարծիքին էր։ Քիչ անց եկավ Մարին։ Շրջվեցի, որ տեսնեմ՝ ինչպես է մոտենում։ Աղաջրից լրիվ լպրծուն, մազերը ետ գցած՝ նա ձգվեց հենց իմ կողքին, և երկու ջերմություն՝ արևն ու նրա մարմինը, նիրհ սփռեցին վրաս։

Մարին ցնցեց ինձ ու ասաց, որ Մասոնը տուն է բարձրացել՝ նախաճաշել էր պետք։ Իսկույն վեր կացա, որովհետև սոված էի։ Սակայն Մարին ասաց, որ առավոտից իրեն չեմ համբուրել։ Դա ճիշտ էր, չնայած նման ցանկություն ունեցել էի։

― Արի ջրի մեջ,– ասաց նա ինձ։

Մենք վազեցինք ու հանձնվեցինք հենց առաջին փոքրիկ ալիքներին։ Սի քանի գորտնալող տալուց հետո Մարին կպավ ինձ։ Զգացի՝ ինչպես են ոտքերր փաթաթվում իմ ոտքերին, և ցանկացա նրան։

Երբ ետ դարձանք, Մասոնն արդեն կանչում էր մեզ։ Ասացի, որ շատ սոված եմ, և նա անմիջապես հայտարարեց կնոջը, որ իրեն դուր եմ գալիս։ Հացը համեղ էր, և ես խժռեցի իմ բաժին ձուկը։ Հետո մատուցեցին միս ու տապակած կարտոֆիլ։ Մենք բոլորս լուռ ուտում էինք։ Մասոնը հաճախ էր դատարկում գինու բաժակը։ Անընդհատ հյուրասիրում էր ինձ։ Սուրճ խմելիս զգացի, որ գլուխս արդեն ծանրացել է։ Շատ ծխեցի։ Մասոնը, Ռեյմոնն ու ես որոշեցինք համատեղ ծախսերով օգոստոս ամիսն անցկացնել այստեղ։ Հանկարծ Մարին ասաց.

― Իսկ գիտե՞ք ժամը քանիսն է. տասնմեկն անց կես։

Մենք բոլորս զարմացանք, իսկ Մասոնն ասաց, որ, իրոք, շատ վաղ նախաճաշեցինք, բայց եթե քաղցած ես, ուրեմն ուտելու ժամանակն է։ Չգիտես ինչու, այս միտքը ծիծաղեցրեց Մարիին։ Իմ կարծիքով՝ մի քիչ շատ էր խմել։ Մասոնն ինձ հարցրեց, թե չե՞մ ուզում իր հետ զբոսնել լողափին։

― Կինս նախաճաշից հետո միշտ պառկում, հանգստանում է, մի բան, որ ինձ դուր չի գափս։ Ես պիտի քայլեմ։ Նրան շարունակ բացատրում եմ, որ դա լավագույնն է առողջության համար, սակայն, ի վերջո, իր գործն է։

Մարին հայտարարեց, որ կմնա տիկին Մասոնին օգնելու, որպեսզի ամանները միասին լվանան։ Իսկ փարիզցի փոքրիկ կինն ասաց, որ դրա համար անհրաժեշտ է վռնդել տղամարդկանց։ Մենք երեքով իջանք ցած։

Արևը գրեթե ուղղաձիգ էր խփում ավազներին, և նրա փայլատակումն անտանելի էր ծովի վրա։ Լողափին այլևս ոչ ոք չկար։ Սարավանդը եզերող և ծովի վրա կախված քողտիկներից լսվում էր պնակների ու սպասքեղենի չխկչխկոցը։ Հազիվ էինք շնչում գետնից հառնող այդ քարեղեն տապի մեջ։ Ռեյմոնն ու Մասոնը սկսեցին խոսել ինձ անծանոթ մարդկանց ու իրերի մասին։ Ես հասկացա, որ նրանք իրար վաղուց են ճանաչում, և որ նույնիսկ միասին են ապրել մի ժամանակ։ Մենք ուղղվեցինք դեպի ծովը ու քայլեցինք նրա երկայնքով։ Մերթընդմերթ մի փոքրիկ, բայց մյուսներից ավելի երկար ալիք գալիս թրջում էր մեր շորերն ու կոշիկները։ Ես ոչինչ չէի մտածում, որովհետև կիսաքնած էի. արևն անչափ ուժեղ էր հարվածում բաց գլխիս։

Այդ ժամանակ Ռեյմոնը Մասոնին ինչ-որ բան ասաց, որ ես չլսեցի։ Բայց լողափի ծայրին՝ սեղանից ահագին հեռու, նկատեցի մուգ կապույտ արտահագուստներով երկու արաբի, որոնք գալիս էին դեպի մեզ։ Ես նայեցի Ռեյմոնին, որն ասաց.

― Նա է։

Մենք շարունակեցինք քայլել։ Մասոնը հարցրեց, թե ինչպես են նրանք կարողացել հետևել մեզ մինչև այստեղ։ Մտածեցի, որ նրանք մեզ տեսած կլինեն ավտոբուս բարձրանալիս, ձեռքերիս՝ լողափի պայուսակներ, բայց ոչինչ չասացի։

Արաբները դանդաղ էին առաջանում, բայց արդեն բավական մոտեցել էին մեզ։ Մենք չփոխեցինք մեր քայլքը, բայց Ռեյմոնն ասաց.

― Եթե կռիվ լինի, Մասոն, դու կվերցնես երկրորդին, ես կզբաղվեմ իմով։ Դու՝ Մյորսո, սպասիր, եթե հայտնվի մեկ ուրիշը, քոնը կլինի։

Ես ասացի. «Այո»։ Եվ Մասոնը ձեռքերը դրեց գրպանը։ Շիկացած ավազն այժմ կարմիր էր թվում։ Մենք համաչափ քայլերով առաջ էինք շարժվում դեպի արաբները։ Մեր միջև եղած տարածությունն ավելի ու ավեփ էր կրճատվում։ Երբ մեզ արդեն մի քանի քայլ էր բաժանում, արաբները կանգ առան։ Մասոնն ու ես դանդաղեցրինք մեր քայլերը։ Ռեյմոնը գնաց ուղիղ դեպի արաբը։ Ես լավ չլսեցի, թե ինչ ասաց նրան, բայց սա կարծես պատրաստվեց գլխով հարվածել։ Այդ ժամանակ Ռեյմոնը խփեց առաջինը և անմիջապես ձայն տվեց Մասոնին։ Մասոնը գնաց դեպի իր համար նախանշվածը և երկու անգամ ամբողջ ուժով հարվածեց։ Արաբը բերանքսիվայր ընկավ ջրի մեջ և մի քանի վայրկյան մնաց այդպես՝ գլխի շուրջը պղպջակներ պայթեցնելով ջրի մակերեսին։ Այդ ընթացքում Ռեյմոնը նույնպես խփում էր՝ լրիվ արյունլվիկ անելով իր արաբի դեմքը։ Հետո շրջվեց իմ կողմն ու ասաց.

― Տես, թե ինչ եմ անելու սրան։

Ես բղավեցի.

― Զգո՜ւյշ, դանակ ունի։

Բայց Ռեյմոնի թևն արդեն բացված էր, իսկ բերանը՝ պատռված։

Մասոնը ոստյուն արեց դեպի առաջ։ Սակայն մյուս արաբն արդեն վեր էր կացել ու կանգնել այս զինվածի եետևր։ Մենք չհամարձակվեցինք շարժվել։ Նրանք դանդաղ ետ-ետ գնացին՝ անընդհատ մեզ նայելով ու դանակով սպառնալով։ Ռեյմոնը սեղմել էր թևը, որից արյուն էր կաթում։

Մասոնն անմիջապես ասաց, որ մի բժշկի է ճանաչում, որը կիրակի օրերն այդտեղ է լինում։ Ռեյմոնն իսկույն ցանկացավ գնալ նրա մոտ։ Բայց հենց ուզում էր խոսել, վերքից արյունը լցվոլմ էր բերանն ու պղպջակներ առաջացնում։ Մենք նրան օգնեցինք և հնարավորինս արագ վերադարձանք տնակ։ Այստեղ Ռեյմոնն ասաց, որ վերքերը խորը չեն, և որ ինքն ի վիճակի է գնալ բժշկի մոտ։ Նա գնաց Մասոնի հետ, իսկ ես մնացի, որ կանանց բացատրեմ պատահածը։ Տիկին Մասոնը լաց էր լինում, իսկ Մարին գույնը լրիվ գցել էր։ Ինձ համար ձանձրալի էր նրանց բացատրելը։ Շուտով լռեցի և սկսեցի ծխել՝ հայացքս հառած ծովին։

Ժամը մեկն անց կեսի մոտերքը Ռեյմոնը Մասոնի հետ վերադարձավ։ Թևը կապել էին, իսկ բերանի անկյունում սպեղանի կպցրել։ Բժիշկն ասել էր, որ լուրջ բան չկա, բայց Ռեյմոնը շատ մռայլ էր։ Մասոնը ջանում էր նրան ծիծաղեցնել, բայց նա շարունակում էր լռել։ Եվ երբ ասաց, թե իջնում է լողափ, ես հարցրի՝ ո՞ւր։ Նա ասաց, որ կուզենար օդ շնչել։ Մենք՝ Մասոնն ու ես, ասացինք, որ կուղեկցենք իրեն։ Այդ ժամանակ նա զայրացավ ու հայհոյեց մեզ։ Մասոնն ասաց, թե պետք է չհակաճառել։ Բայց ես, այնուամենայնիվ, հետևեցի նրան։

Մենք երկար քայլեցինք լողափով։ Հիմա արևն ավելի տաժանելի էր. ընկնում էր, ասես փշուր-փշուր լինում ավազների ու ծովի վրա։ Ինձ թվում էր, թե Ռեյմոնր գիտի՝ ուր է գնում, բայց, իհարկե, սխալվում էի։ Լողափի ծայրին մենք վերջապես հասանք մի աղբյուրի, որը ժայռի ետևից ցայտում էր ավազի մեջ։ Հենց այստեղ էլ գտանք մեր երկու արաբներին։ Նրանք պառկած էին իրենց յուղոտված, կապույտ արտահագուստներով և միանգամայն հանգիստ ու գրեթե գոհ տեսք ունեին։ Մեր հայտնվելը ոչինչ չփոխեց։ Նա, ով խփել էր Ռեյմոնին, նայում էր անխոս։ Մյուսը մի փոքրիկ եղեգնափող էր շվացնում՝ աչքի պոչով նայելով մեզ, անվերջ կրկնում էր միայն նույն երեք նոտան, որ արտաբերում էր իր գործիքով։

Այդ ամբողջ ընթացքում միայն արևն էր ու լռությունը՝ աղբյուրի խոխոջյունով ու երեք նոտայով։ Ռեյմոնը ձեռքը տարավ գրպանի ատրճանակին, բայց արաբը չշարժվեց, նրանք շարունակում էին իրար նայել։ Ես նկատեցի, որ սրնգահարի ոտքի մատները շատ հետու էին միմյանցից։ Բայց Ռեյմոնը, աչքը չկտրելով հակառակորդից, հարցրեց. «Վերացնե՞մ սրան»։ Մտածեցի, որ եթե ասեմ ոչ, նա ավելի կգրգռվի ու հաստատ կկրակի։ Միայն ասացի.

― Քեզ դեռ ոչինչ չի ասել։ Գարշելի բան կլինի, եթե այդպես կրակես։

Լռության ու տապի խորքից դարձյալ լսվեց ջրի ու սրնգի գլգլոցը։

Ռեյմոնն ասաց.

― Այդ դեպքում կհայհոյեմ, հենց պատասխանեց, հերը կանիծեմ։

Ես պատասխանեցի.

― Ճիշտ այդպես։ Բայց եթե նա դանակ չհանի, դու չես կարող կրակել։

Ռեյմոնը սկսեց նյարդայնանալ։ Սրնգահարը շարունակ նվագում էր, իսկ մյուս երկու արաբները հետևում էին Ռեյմոնի յուրաքանչյուր շարժմանը։

― Ոչ,– ասացի ես Ռեյմոնին։ ― Կռվի մեջ մտիր տղամարդու պես, իսկ ատրճանակը տուր ինձ։ Եթե մյուսը միջամտի կամ դանակ հանի, ես կվերացնեմ նրան։

Ռեյմոնն ինձ տվեց ատրճանակը, որը մի պահ փայլատակեց արևի տակ։ Սակայն մենք դեռ անշարժ կանգնած էինք, կարծես ամեն բան պարփակվել էր մեր շուրջը։ Ակնդետ նայում էինք իրար, և ամեն ինչ կանգ էր առել ծովի, ավազի և արևի, սրնգի ու ջրի կրկնակի լռության մեջ։ Այդ պահին մտածեցի, որ կարելի է և՛ կրակել, և՛ չկրակել։ Բայց հանկարծ արաբները ետ-ետ քաշվեցին ու չքացան ժայռի ետևը։ Մենք էլ՝ Ռեյմոնն ու ես, գնացինք մեր ճանապարհով։ Նա կարծես ավելի լավ էր զգում իրեն, խոսեց վերադարձի ավտոբուսի մասին։

Նրան ուղեկցեցի մինչև տնակ, և մինչ նա մագլցում էր փայտե սանդուղքը, կանգ առա առաջին աստիճանի մոտ, արևից դմբդմբացող գլխով, ընկճված այն մտքից, որ ստիպված եմ փայտե այդ մի հարկը բարձրանալ և նորից հանդիպել կանանց։ Բայց շոգն այնքան ուժեղ էր, որ նաև անհնար էր անշարժ կանգնել կուրացուցիչ ճառագայթների տակ։ Մնալ այդտեղ, թե գնալ՝ նույն բանն էր։ Մեկ րոպե անց ես արդեն շրջվել ու քայլում էի լողափի ուղղությամբ։

Նորից նույն բոսորագույն հրավառությունն էր։ Ավազների վրա ծովը հևում էր իր ողջ արագաթրթիռ ու հեղձված շնչառությամբ։ Դանդաղ առաջանում էի դեպի ժայռերը՝ զգալով, որ գլուխս ուռչում է արևի տակ։ Նրա ողջ ջերմությունը ծանրացել էր վրաս և ընդդիմանում էր իմ առաջընթացին։ Եվ ամեն անգամ, երբ այդ ահռելի շնչառությունն էի զգում դեմքիս վրա, սեղմում էի ատամներս, տաբատիս գրպաններում փակում բռունցքներս, ձգվում, երկարում ամբողջ մարմնով, որպեսզի կարողանամ հաղթել արևին և նրանից իմ մեջ ներարկվող անորոշ հարբեցությանը։ Ավազից, ճերմակած խեցուց և ապակու բեկորից անդրադարձվող, սուսերի նման ծակող լույսի ամեն մի շեղբից կծկվում էին ծնոտներս։ Երկար ժամանակ քայլում էի այդպես։

Հեռվից երևում էր ժայռի փոքրիկ ու մութ զանգվածը՝ պարուրված լույսի և ծովափոշու կուրացուցիչ ճաճանչապսակով։ Հիշեցի սառնորակ աղբյուրը ժայռի ետևում։ Ուզում էի կրկին լսել ջրի խոխոջյունը, ցանկանում էի փախչել արևից, ամեն տեսակ լարումից, կանանց արցունքներից, երազում էի վերջապես ստվեր գտնել ու հանգստանալ այնտեղ։ Սակայն երբ մոտեցա, տեսա, որ Ռեյմոնի արաբը վերադարձել է։

Նա մենակ էր։ Հանգստանում էր մեջքին պառկած, ձեռքերը դրած ծոծրակին, ճակատը՝ ժայռի ստվերում, իսկ մարմինը՝ արևի տակ։ Նրա կապույտ արտահագուստն ասես ծխում էր ջերմությունից։ Ես փոքր-ինչ անակնկալի էի եկել։ Ինձ համար դա վերջացած պատմություն էր, և ես այդտեղ էի եկել այդ մասին չմտածելով։

Հենց ինձ տեսավ, փոքր-ինչ բարձրացավ ու ձեռքր տարավ գրպանը։ Ես, բնականաբար, սեղմեցի Ռեյմոնի ատրճանակը բաճկոնիս մեջ։ Այդ ժամանակ նա նորից ետ-ետ գնաց, բայց առանց ձեռքը գրպանից հանելու։ Ես բավական հեռու էի նրանից՝ մոտ տասը մետր։ Պահ առ պահ նրա հայացքն էի որսում իր կիսաբաց կոպերի արանքից։ Բայց ավելի հաճախ նրա կերպարանքը պարում էր աչքերիս առաջ, հրակեզ օդի մեջ։ Ալիքների շառաչն էլ ավելի ալարկոտ էր, ավելի մեղմ, քան կեսօրին։ Նույն արևն էր, նույն լույսը՝ նույն ավազի վրա, որ սփռված էր այստեղ։ Արդեն երկու ժամ էր, որ օրն առաջ չէր շարժվում, երկու ժամ էր, ինչ նա խարիսխ էր ձգել եռացող մետաղյա օվկիանոսում։ Հորիզոնում մի փոքրիկ շոգենավ անցավ, և այդ սև բիծը ես նշմարեցի աչքի պոչով, որովհետև անթարթ նայում էի արաբին։

Մտածեցի, որ բավական է կիսով չափ շրջվեմ, և ամեն ինչ կվերջանա։ Բայց արևից թրթռացող ամբողջ լողափը հրում էր իմ ետևից։ Մի քանի քայլ արեցի դեպի աղբյուրը։ Արաբը չշարժվեց։ Այնուամենայնիվ նա դեռ բավական հեռու էր ինձնից։ Գուցե ստվերների պատճառով նրա դեմքն այնպիսին էր, որ ինձ թվաց, թե ծիծաղում է։ Սպասեցի։ Արևն արդեն այրում էր այտերս, ու ես զգացի, որ քրտինքի կաթիլներ են կուտակվում հոնքերիս մեջ։ Նույն արևն էր, ինչ այն օրը, երբ թաղում էի մորս, և ինչպես այն ժամանակ, հիմա էլ ճակատս էր հատկապես ցավում, և նրա բոլոր երակները տրոփում էին մաշկիս տակ։ Այդ կիզիչ արևի պատճառով, որն արդեն անտանելի էր ինձ համար, ես առաջ գնալու փորձ արեցի։ Գիտեի, որ հիմար բան եմ անում, որ արևից չես ազատվի նման մի քայլով, բայց արեցի այդ քայլր՝ միայն մեկ քայլ դեպի առաջ։ Եվ այս անգամ արաբը, առանց վեր կենալու, հանեց դանակն ու ցուցադրեց արևի տակ։ Լույսը շողաց պողպատի վրա, ասես մի փայլուն ու երկար շեղբ իջավ ճակատիս։ Նույն վայրկյանին հոնքերումս կուտակված քրտինքը միանգամից հոսեց կոպերիս վրա և ծածկեց տաք ու թանձրահյուս շղարշով։ Աչքերս կուրացան արցունքի ու աղի այդ վարագույրի ետևում։ Ես այլևս զգում էի միայն արևի ծնծղաների հարվածները ճակատիս ու տարտամորեն նաև՝ ասես դանակից դուրս ցայտող, շարունակ աչքերիս առջև պարող կայծեր։ Այդ հրե սուսերը քրքրում էր թարթիչներս, ծակում, մրմռացնում աչքերս։ Հենց այդ պահին ամեն ինչ երերաց։ Ծովն արձակեց բարձր ու կիզիչ մի հառաչանք։ Ինձ թվաց, թե երկիրը բացվեց իր ամբողջ տարածքով մեկ, որ հրե անձրև տեղա։

Ողջ էությունս լարվեց, ձեռքս կծկեցի ու սեղմեցի ատրճանակը։ Ձգանը տեղի տվեց, զգացի կոթի ողորկ գոգավորությունը, և հենց այդտեղ՝ այդ չոր ու միաժամանակ խլացուցիչ ճայթյունով սկսվեց ամեն բան։

Ես թոթափեցի քրտինքս ու արևը։ Ես հասկացա, որ խախտեցի օրվա հավասարակշռությունը, լողափի բացառիկ լռությունը, որտեղ ես երջանիկ էի եղել։ Այդ ժամանակ ես չորս անգամ ևս կրակեցի այդ անշարժ մարմնի վրա, որի մեջ գնդակները խրվում էին առանց հետք թողնելու։ Եվ ասես այդ չորս կտրուկ հարվածներով ես բախում էի դժբախտության դուռը։

Մասն երկրորդ

I

Ձերբակալությունից անմիջապես հետո ինձ բազմիցս հարցաքննեցին։ Սակայն դրանք ինքնությանը վերաբերող հարցաքննություններ էին, որոնք երկար չէին տևում։ Առաջին օրերին ոստիկանատանը իմ գործն ասես ոչ մեկին չէր հետաքրքրում։ Ութ օր անց, ընդհակառակը, դատական քննիչն ինձ նայեց հետաքրքրասիրությամբ։ Սկզբում սակայն հարցրեց միայն ազգանունս ու հասցես, մասնագիտությունս, ծննդյանս տարեթիվն ու վայրը։ Հետո ցանկացավ իմանալ՝ ընտրե՞լ եմ փաստաբան։ Ես խոստովանեցի՝ ոչ, և հարցրի՝ արդյոք դա պարտադիր անհրաժեշտությո՞ւն է։

― Ինչպե՞ս թե։

Ես պատասխանեցի, որ, ըստ իս, իմ գործը շատ պարզ է։ Նա ժպտաց ու ասաց.

― Դա ձեր կարծիքն է։ Սակայն գոյություն ունի օրենք։ Եթե դուք չեք ընտրում փաստաբան, մենք ենք նշանակում որևէ մեկին։

Իմ կարծիքով՝ շատ հարմար էր, որ արդարադատությունն ինքն էր զբաղվում նման մանրուքներով։ Նրան ասացի այդ։ Նա համաձայնեց և եզրակացրեց, որ օրենքր հաջող է կազմված։

Սկզբում ես նրան լուրջ չէի վերաբերվում։ Նա ինձ ընդունեց վարագույրները փակ առանձնասենյակում։ Գրասեղանին կար միայն մի լուսամփոփ, որր լուսավորում էր բազկաթոռը։ Այնտեղ էլ նստեցրեց ինձ, իսկ ինքը մնաց մթության մեջ։ Նման տեսարաններն ինձ արդեն ծանոթ էին գրքերից, և այդ ամենն ինձ խաղ թվաց։ Մեր խոսակցությունից հետո հակառակը կատարվեց, ես նայեցի նրան ու տեսա նուրբ դիմագծերով, կապույտ, փոս ընկած աչքերով, բարձրահասակ, երկար, ալեխառն բեղերով ու գրեթե լրիվ սպիտակած, խիտ մազերով մի մարդու։ Նա ինձ շատ ողջամիտ թվաց, և նաև՝ հաճելի, չնայած բերանը մերթընդմերթ ծռվում էր ջղաձգումներից։ Անգամ դուրս գալիս ուզում էի սեղմել նրա ձեռքը, բայց ժամանակին հիշեցի, որ մարդ եմ սպանել։

Հաջորդ օրը մի փաստաբան եկավ բանտ ինձ այցելության։ Փոքրամարմին էր, կլորավուն, բավական երիտասարդ, մազերը խնամքով սվաղած։ Չնայած շոգին (ես միայն վերնաշապիկով էի), նա մուգ գույնի կոստյումով էր և օսլայած օձիքի տակ կապել էր տարօրինակ, սև ու սպիտակ խոշոր զոլերով փողկապ։ Նա մահճակալիս դրեց թևատակի պայուսակը, ներկայացավ և ասաց, որ ուսումնասիրել է իմ գործը։ Գործս նրբին է, բայց ինքր չի կասկածում հաջողությանը, եթե ես վստահեմ իրեն։ Ես շնորհակալություն հայտնեցի, իսկ նա ասաց.

― Անցնենք բուն նյութին։

Նստեց մահճակալիս ու սկսեց բացատրել, որ տեղեկություններ են հավաքել իմ անձնական կյանքի վերաբերյալ։ Իմացել են, որ մայրս վերջերս է մահացել ծերանոցում։ Այդ ժամանակ հարցաթերթիկ են լրացրել Մարենգոյում։ Քննիչներն իմացել են, որ մորս թաղման օրր ես «անզգայունություն եմ ցուցաբերել»։

― Հասկանո՞ւմ եք,– ասաց վւաստաբանս,– ես մի քիչ անհարմար եմ զգում այդ մասին ձեզ հարցնել։ Բայց շատ կարևոր է։ Դա մեծ փաստարկ կլինի ձեզ մեղադրելու համար, եթե ես ոչինչ չկարողանամ հակադրել։

Նա ուզում էր, որ իրեն օգնեմ։ Հարցրեց՝ արդյոք տխո՞ւր էի այդ օրը։ Հարցն ինձ ապշեցրեց, ինձ թվում է, որ ես շատ վատ կզգայի, եթե ինքս ստիպված լինեի նման հարց տալ։ Այսուհանդերձ, պատասխանեցի, որ կորցրել եմ ինքս ինձ հարցաքննելու սովորությունը, և դժվարանում եմ որևէ բան ասել։ Անշուշտ, ես շատ էի սիրում մորս, բայց դա որևէ նշանակություն չուներ։ Բոլոր բանական էակներն էլ ավելի կամ պակաս չափով ցանկանում են իրենց սիրելի մարդու մահը։ Այստեղ փաստաբանն ինձ ընդհատեց ու կարծես վրդովվեց։ Նա ինձ ստիպեց խոստանալ, որ այդ չեմ ասի ոչ դատական ատյանին, ոչ գլխավոր քննիչին։ Սակայն ես բացատրեցի, որ իմ խառնվածքի պատճառով ֆիզիկական պահանջներս հաճախ խոչընդոտում են զգացմունքներիս։ Մորս թաղման օրր ես շատ էի հոգնած, և քունս տանում էր։ Այն աստիճան, որ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում շուրջս։ Միայն վստահաբար կարող եմ ասել, որ կգերադասեի, որ մայրս չմեռներ։ Բայց փաստաբանը երևի չգոհացավ։ Նա ասաց.

― Բավարար չէ։

Եվ մտածմունքի մեջ ընկավ։ Հետո հարցրեց՝ կարելի՞ է ասել, թե այդ օրր ես չէի տիրապետում էի իմ զգացմունքներին։ Ասացի.

― Ոչ, որովհետև դա սուտ է։

Նա տարօրինակ հայացքով նայեց ինձ, կարծես իր մեջ զզվանք էի առաջացրել։ Հետո գրեթե չարությամբ ասաց, որ ծերանոցի աշխատակազմն ու տնօրենը հանդես կգան որպես վկա, և «դա կարող է ինձ վրա թանկ նստել»։ Ես նրա ուշադրությունը հրավիրեցի այն բանին, որ այդ պատմությունը ոչ մի կապ չուներ իմ գործի հետ։ Բայց նա միայն ասաց, որ երևում է, որ ես երբևէ գործ չեմ ունեցել արդարադատության հետ։

Եվ զայրացած հեռացավ։ Ես կուզենայի նրան ետ պահել, բացատրել, որ իր համակրանքի կարիքն ունեմ՝ ոչ թե ավեփ լավ պաշտպանվելու համար, այլ որովհետև, եթե կարելի է ասել, դա բնական է։ Հատկապես, որ տեսնում էի, թե ինչպիսի վատ վիճակի մեջ էի նրան գցում։ Նա չէր հասկանում ինձ և այնքան էլ բարյացակամ չէր իմ նկատմամբ։ Ես ուզում էի նրան հավաստիացնել, որ այնպիսին էի, ինչպես բոլորը, բացարձակապես ինչպես բոլորը։ Բայց այդ ամենն, ըստ էության, անօգուտ էր, և ես հրաժարվեցի դրանից ծուլությանս պատճառով։

Որոշ ժամանակ անց ինձ կրկին տարան քննիչի մոտ։ Ցերեկվա ժամը երկուսն էր։ Այս անգամ նրա աշխատասենյակը ողողված էր լույսով, որն աննշան էր մաղվում շղարշե վարագույրի միջով։ Շատ շոգ էր։ Քննիչն ինձ առաջարկեց նստել և բարեկրթորեն հայտնեց, որ իմ փաստաբանը չի կարողացել գալ «խանգարող հանգամանքների պատճառով»։ Բայց նաև, որ ես իրավունք ունեմ չպատասխանել իր հարցերին և սպասել մինչև փաստաբանիս գալը։ Ես ասացի, որ կարող եմ պատասխանել և մենակ։ Նա մատով մի կոճակ սեղմեց սեղանի վրա։ Մի երիտասարդ գրագիր մտավ և նստեց հենց թիկունքիս ետևում։

Մենք երկուսս էլ ավելի հարմար տեղավորվեցինք մեր բազկաթոռներում։ Հարցաքննությունը սկսվեց։ Նախևառաջ նա ասաց, որ ինձ ներկայացրել էին իբրև լռակյաց, ինքնամփոփ բնավորությամբ մարդ, և այդ մասին կուզենար իմանալ իմ կարծիքը։ Ես պատասխանեցի.

― Բանն այն է, որ երբ ասեփք չեմ ունենում, լռում եմ։

Քննիչը ժպտաց, ինչպես առաջին անգամ, համարեց, որ ասածս լավագույն պատճառաբանությունն է, և ավելացրեց.

― Ասենք, դա ոչ մի նշանակություն չունի։

Ապա լռեց, նայեց ինձ և, կտրուկ վեր կենալով, արագ-արագ վրա տվեց.

― Դուք եք, որ հետաքրքրում եք ինձ։

Ես այնքան էլ լավ չհասկացա, թե ինչ էր ուզում դրանով ասել, և ոչինչ չպատասխանեցի։

― Ձեր արարքում կան բաներ,– ասաց նա,– որոնք ինձ համար անմեկնելի են։ Վստահ եմ, որ դուք կօգնեք ինձ հասկանալ դրանք։

Ասացի, որ ամեն ինչ շատ պարզ է։ Նա ինձ ստիպեց նորից վերապատմել այդ օրը։ Եվ ես կրկին վերապատմեցի այն, ինչ արդեն պատմել էի իրեն. Ռեյմոնը, լողափը, լոգանքը, վեճը, նորից լողափը, փոքրիկ աղբյուրը, արևը և ատրճանակի հինգ կրակոցը։ Ամեն խոսքից հետո նա ասում էր. «Լավ, լավ»։ Երբ հասա փռված մարմնին, նա հավանություն տվեց ու ասաց. «Շատ լավ»։ Իսկ ես հոգնել էի շարունակ նույն պատմությունը կրկնելուց, և ինձ թվում էր, թե երբեք այդքան երկար չէի խոսել։

Մի պահ լռություն տիրեց։ Հետո նա վեր կացավ և ասաց, որ ցանկանում է օգնել ինձ, որ ես հետաքրքրում եմ իրեն և որ Աստծո օգնությամբ նա կանի որևէ բան ինձ համար։ Բայց նախապես կուզենար էլի մի քանի հարց տալ։ Եվ առանց անցումի հարցրեց, թե սիրո՞ւմ էի մորս։ Ես ասացի.

― Այո, ինչպես բոլորը։

Եվ գրագիրը, որր մինչ այդ մեքենագրում էր համաչափորեն, շփոթվեց, խառնեց ստեղներր և ստիպված եղավ ետ գնալ։ Այդ ժամանակ, շարունակ առանց թվացյալ տրամաբանության քննիչը հարցրեց ինձ, թե հինգ անգամ կրակել եմ անընդմե՞ջ։ Մի քիչ մտածեցի ու ճշտեցի, որ սկզբում կրակելեմ միայն մի անգամ, իսկ հետո, մի քանի վայրկյան անց՝ ևս չորս անգամ։

― Ինչո՞ւ հապաղեցիք առաջին և երկրորդ կրակոցների արանքում։

Մեկ անգամ ևս աչքերիս առջև հառնեց բոսորագույն լողափը, ու ճակատիս զգացի կիզիչ արևը։ Բայց այս անգամ ոչինչ չպատասխանեցի։ Դրան հետևեց լռություն, որի ընթացքում քննիչը գրգռված տեսք ուներ։ Նստեց, խառնշտեց մազերը, արմունկները հենեց գրասեղանին և, փոքր-ինչ կռանալով ինձ վրա, արտառոց տեսքով հարցրեց.

― Ինչո՞ւ, ինչո՞ւ կրակեցիք գետնին ընկած մարմնի վրա։

Այստեղ ևս չիմացա ինչ պատասխանել։ Քննիչը ձեռքերով շփեց ճակատը և ասաց բեկբեկուն ձայնով.

― Ինչո՞ւ, ինձ պիտի ասեք՝ ինչո՞ւ։

Ես շարունակում էի լռել։

Նա կտրուկ վեր կացավ, մեծ-մեծ քայլերով գնաց աշխատասենյակի մյուս ծայրը, բացեց պահարանն ու դուրս քաշեց մի դարակ։ Այնտեղից հանեց արծաթյա մի խաչ և, այն ճոճելով, ետ եկավ ինձ մոտ։ Լրիվ փոխված, գրեթե դողդոջուն ձայնով նա բացականչեց.

― Արդյոք գիտե՞ք, թե ինչ է սա։

Ասացի.

― Այո, իհարկե։

Այդ ժամանակ նա հապշտապ և զարմանալի խանդավառությամբ ասաց, որ ինքը հավատում է Աստծուն, որ իր խորին համոզմամբ ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել նրան, սակայն դրա համար պետք է, որ մարդն իր զղջումով դառնա երեխա, որի հոգին դատարկ է և պատրաստ ընդունելու ամեն բան։ Ամբողջ մարմնով խոնարհվել էր սեղանին։ Գրեթե հենց իմ գլխավերևում խաչն էր թափահարում։ ճիշտն ասած՝ ես այնքան էլ լավ չէի հետևում նրա մտքերին, որովհետև, նախ՝ շոգում էի, և հետո առանձնասենյակում մեծ-մեծ ճանճեր կային, որոնք նստում էին դեմքիս, և բացի այդ ես մի քիչ վախենում էի այդ մարդուց։ Միևնույն ժամանակ գիտակցում էի, որ դա ծիծաղելի էր, քանի որ հանցագործը, ի վերջո, ես էի։ Այսուհանդերձ նա շարունակում էր։ Ես մոտավորապես հասկացա, որ, իր կարծիքով, իմ խոստովանանքի մեջ մի մութ կետ կար. այն փաստը, որ ես սպասել էի մինչև երկրորդ կրակոցը։ Մնացած ամեն բան շատ լավ էր, միայն այդ նա չէր հասկանում։

Ուզում էի նրան ասել, որ զուր է համառում, որ այդ վերջին կետն այդքան էլ կարևորություն չունի։ Բայց նա ընդհատեց ինձ, հասակով մեկ ձգվեց ու մի վերջին անգամ փորձեց հորդորել ինձ պատասխանել՝ հավատո՞ւմ եմ արդյոք Աստծուն։ Ես պատասխանեցի՝ ոչ։ Նա վրդովված նստեց։ Ասաց, որ դա անհնարին է, որ բոլոր մարդիկ հավատում են Աստծուն, անգամ նրանք, ովքեր երես են թեքում նրանից։ Հենց սա էր իր համոզմունքը։ Ու թե երբևէ պիտի կասկածներ ունենար, ապա իր կյանքը կկորցներ իմաստը։

― Ուզում եք,– բացականչեց նա,– որ կյանքս կորցնի՞ իմաստը։

Իմ կարծիքով՝ դա ինձ չէր վերաբերում, և այդպես էլ ասացի նրան։ Սակայն սեղանի վրայով նա արդեն աչքս էր խոթում խաչված Քրիստոսին՝ խենթի պես գոռալով.

― Ես քրիստոնյա եմ։ Ես նրանից թողություն եմ հայցում քո մեղքերի համար։ Ինչպե՞ս կարող ես չհավատալ, որ նա տառապել է քեզ համար։

Ես նկատեցի, որ նա ինձ «դու»֊ով էր դիմում, սակայն լրիվ ձանձրացել էի։ Շոգը գնալով ավելի էր սաստկանում։ Ինչպես միշտ, երբ ուզում եմ ազատվել մեկից, ում հազիվ եմ լսում, ձևացնում եմ, թե համաձայն եմ նրան։ Ի զարմանս ինձ, նա վեր թռավ ցնծությունից։

― Տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես,– ասում էր նա,– դու նրան հավատում ես, չէ՞, դու նրան ես ապավինելու, չէ՞։

Բնականաբար մեկ անգամ ևս ասացի՝ ոչ, և նա դարձյալ փլվեց բազկաթոռին։

Շատ հոգնած տեսք ուներ։ Մի պահ լուռ մնաց, մինչև գրամեքենան, որն անընդհատ հետևում էր երկխոսությանը, կավարտեր վերջին նախադասությունները։ Հետո նայեց ինձ ուշադիր, բայց թախծոտ հայացքով ու կմկմաց.

― Ես երբևէ չեմ տեսել նման քարացած հոգի, ինչպիսին ձերն է։ Ինձ մոտ եկող բոլոր հանցագործներն արտասվում են այս ողբալի պատկերի առջև։

Ես ուզում էի ասել, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ նրանք հանցագործ են։ Բայց հետո մտածեցի, որ ես էլ եմ նրանց նման։ Այս մտքի հետ չէի կարողանում հաշտվել։ Այդ ժամանակ քննիչը վեր կացավ, կարծես ցանկանալով ինձ հասկացնել, որ հարցաքննությունն ավարտված է։ Միայն հարցրեց նույն հոգնաբեկ տեսքով, թե զղջո՞ւմ եմ արածիս համար։ Մի պահ մտածեցի ու ասացի, որ ոչ թե իսկական զղջման, այլ ավելի շուտ տհաճության զգացում ունեմ։ Այնպիսի տպավորություն ստացա, որ ինձ չէր հասկանում։ Բայց այդ օրը գործն այլևս չշարունակվեց։

Հետագայում ես հաճախ էի տեսնում քննիչին։ Միայն թե ամեն անգամ փաստաբանս ուղեկցում էր ինձ։ Նրանք սահմանափակվում էին իմ նախորդ ցուցմունքների որոշ մասեր ճշտելով։ Կամ էլ քննիչը մեղադրանքներն էր վիճարկում վոսստաբանիս հետ։ Սակայն այդ պահերին նրանք իրականամ բոլորովին չէին զբաղվում ինձնով։ Ամեն դեպքում հարցաքննությունների հնչերանգը քիչ-քիչ փոխվեց։ Թվում էր, թե քննիչն այլևս չի հետաքրքրվում ինձնով, և որ նա արդեն ինչ-որ կերպ դասակարգել է իմ գործը։ Աստծո մասին նա այլևս չխոսեց ինձ հետ, և ես նրան այլևս երբեք չտեսա այնքան գրգռված, որքան առաջին օրը։ Արդյանքը եղավ այն, որ մեր խոսակցությունները դարձան ավեփ սրտաբուխ, մի քանի հարց, մի փոքրիկ զրույց փաստաբանիս հետ, և հարցաքննությունն ավարտվում էր։ Քննիչի խոսքերով՝ գործն ընթանամ էր իր հունով։ Երբեմն, երբ խոսակցությունն ընդհանուր բնույթի էր լինում, նրանք ինձ էլ էին ներգրավում դրա մեջ։ Ես սկսեցի թեթև շնչել։ Այդ ժամերին ոչ ոք չար չէր իմ հանդեպ։ Ամեն բան այնքան բնական էր, այնքան օրինավոր և այնքան պարզ խաղացված, որ ես այն ծիծաղելի զգացումն ունեցա, թե ես «ընտանիքի անդամներից» եմ։ Եվ տասնմեկ ամիս տևած այդ քննության ընթացքում կարող եմ ասել, որ զարմանալլի կլիներ, եթե ես հրճվանքի այլ պահեր էլ ունեցած լինեի, բացի այն հազվագյուտ րոպեներից, երբ քննիչն ինձ առաջնորդում էր մինչև առանձնասենյակի դուռը, ուսիս թփթփացնում և մտերմիկ ձայնով ասում.

― Այսօր բավական է, պարոն Հակաքրիստոս։

Իսկ հետո դարձյալ ինձ հանձնում էին ոստիկանների ձեռքը։

II

Կան բաներ, որոնց մասին երբեք չեմ սիրել խոսել։ Բանտ ընկնելով՝ մի քանի օրից հասկացա, որ ինձ հաճելի չի լինի խոսել կյանքիս այս հատվածի մասին։

Ավելի ուշ նման տհաճ զգացումները բոլորովին կորցրին իրենց կարևորությունն ինձ համար։ Առաջին օրերին իրականում ես ոչ թե բանտում էի ըստ էության, այլ տարտամորեն սպասում էի ինչ-որ իրադարձության։ Ամեն բան սկսվեց միայն Մարիի առաջին և միակ տեսակցությունից հետո։ Այն օրից, երբ ստացա նրա նամակը (նա ինձ հայտնում էր, որ իրեն այլևս թույլ չեն տա այցելության գալ, որովհետև իմ կինը չէ), զգացի, որ իմ տանն եմ, իմ խցիկում, և որ կյանքս կանգ է առնում այստեղ։ Ձերբակալման օրը նախ ինձ գցեցին մի ընդհանուր սենյակ, որտեղ շատ բանտարկյալներ կային՝ հիմնականում արաբներ։ Ինձ տեսնելուն պես նրանք սկսեցին հռհռալ։ Հետո հարցրին, թե ինչ եմ արել։ Ես ասացի, որ արաբ եմ սպանել, և նրանք սսկվեցին։ Բայց շուտով մութն ընկավ։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչպես պետք է փռել խսիրը, որի վրա պառկելու էի։ Մի ծայրը փաթաթելով՝ կարելի էր օգտագործել որպես բարձ։ Ամբողջ գիշեր դեմքիս վրայով փայտոջիլներ էին վազվզում։ Մի քանի օր անց ինձ առանձնացրին մենախցում, որտեղ քնում էի փայտե թախտին։ Ունեի պետքաման և երկաթե թաս։ Բանտը քաղաքի բարձրադիր մասում էր, և իմ փոքրիկ պատուհանից երևում էր ծովը։ Այդ օրը, դեմքս պարզած լույսին, ես կախվել էի ճաղերից, երբ ներս մտավ բանտապանն ու ասաց, որ ինձ տեսակցության են կանչում։ Մտածեցի՝ Մարին կլինի։ Եվ, իրոք, նա էր։

Զրուցարան հասնելու համար ես անցա երկար միջանցքով, հետո աստիճաններով, իսկ վերջում՝ մեկ այլ միջանցքով։ Ներս մտա մի ընդարձակ դահլիճ, ուր լույսը թափանցում էր հսկայական լուսամատից։ Դահլիճը երեք մասի էր բաժանված՝ երկայնքով անցնող երկու մեծ ճաղաշարով։ Երկու ճաղաշարի արանքում կար ութ-տասը մետրանոց մի տարածություն, որն այցելուներին բաժանում էր բանտարկյալներից։ Իմ դիմաց նկատեցի Մարիին իր զոլավոր զգեստով և արևառ դեմքով։ Այն կողմում, որտեղ ես էի, մեկ տասնյակի չափ կալանավոր կար՝ հիմնականում արաբներ։ Մարին շրջապատված էր մավրուհիներով ու կանգնած էր երկու այցելուների արանքում՝ մեկը փոքրիկ, սևազգեստ մի պառավ՝ ամուր սեղմած շրթունքներով, մյուսը՝ գլխաբաց, մի գեր կին, որ խոսում էր շատ բարձրաձայն ու շարժուձևերով։ Ճաղաշարերի միջև հեռավորությունն այնքան մեծ էր, որ այցելուներն ու բանտարկյալները ստիպված էին խոսել գոռգոռալով։ Երբ ներս մտա, ձայների աղմուկը, որ արձագանքվում էր, դիպչելով դահլիճի հսկայական, մերկ պատերին, աչք ծակող լույսը, որն ասես երկրնքից ծորում էր ապակիների վրա և կրկին ժայթքում դահլիճի մեջ, ինձ գցեցին մի տեսակ թմբիրի մեջ։ Իմ խցիկն ավեփ խաղաղ էր և ավեփ մութ։ Ժամանակ պահանջվեց, մինչև կվարժվեի։ Սակայն, ի վերջո, բոլորի դեմքերն էլ սկսեցի հստակ տարբերակել։ Նկատեցի, որ միջանցքի ծայրում՝ երկու ճաղաշարի արանքում, անշարժ նստած էր հսկիչը։ Արաբ բանտարկյալների մեծ մասը, ինչպես և նրանց հարազատներր պպզել էին դեմառդեմ։ Նրանք չէին բղավում։ Չնայած աղմուկ-աղաղակին՝ նրանք կարողանում էին հասկանալ միմյանց՝ խոսելով ցածրաձայն։ Շատ ցածրից արձակվող նրանց խուլ քրթմնջոցներն անվերջանալի բասի նման հնչում էին խոսակցությունների մեջ, որոնք սավառնում էին իրենց գլխավերևում։ Այդ ամենը ես անմիջապես նկատեցի, երբ գնում էի Մարիի մոտ։ Արդեն ճաղաշարին կպած՝ նա ինձ էր ժպտում՝ լարելով ողջ ուժերր։ Իմ աչքին նա շատ գեղեցիկ թվաց, բայց այդ մասին չկարողացա նրան ասել։

― Դե՞,– շատ բարձր ասաց նա։

― Դե ի՞նչ։

― Լա՞վ ես, ունե՞ս ամեն ինչ, ինչ քեզ պետք է։

― Այո, ամեն ինչ։

Լռեցինք։ Մարին անընդհատ ժպտում էր։ Չաղ կինը ինչ-որ բան էր գոռում իմ հարևանի՝ շիկահեր, բարձրահասակ, շիտակ հայացքով տղամարդու կողմը, որն հավանաբար իր ամուսինն էր։ Արդեն ավարտին մոտեցող խոսակցության շարունակությունն էր։

― Ժաննան չուզեց նրան վերցնել,– բղավում էր կինը գլխապատառ։

― Այո, այո,– պատասխանում էր ամուսինը։

― Ես ասացի, որ դուրս գալուն պես դու նորից կվերցնես նրան, բայց նա դարձյալ չհամաձայնեց։

Մարին իր հերթին բղավեց, որ Ռեյմոնն ինձ բարև է ուղարկել, և ես նրան ասացի.

― Շնորհակալություն։

Բայց հարևանս խլացրեց իմ ձայնը։ Նա հարցնում էր, թե «ինչպես էր նա»։ Կինը ծիծաղեց ու ասաց, որ «նա երբեք այդքան լավ չի եղել»։

Իմ ձախակողմյան հարևանը՝ փոքրամարմին, նուրբ ձեռքերով մի երիտասարդ, ոչինչ չէր ասում։ Ես նկատեցի, որ նրա դիմացինը մի փոքրիկ պառավ էր, և որ երկուսն էլ լարված իրար են նայում։ Բայց ես այլևս ժամանակ չունեցա նրանց հետևելու, որովհետև Մարին բղավեց, թե պետք է հուսալ։ Ես ասացի՝ այո։ Նայում էի նրան և ուզում էի սեղմել զգեստի տակ թաքնված նրա ուսը։ Այդ նուրբ կտորը շոշափելու ցանկություն ունեի և այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե դրանից բացի ուրիշ էլ ինչ կարելի էր հուսալ։ Անշուշտ, Մարին էլ էր նույնը ուզում ասել, որովհետև անընդհատ ժպտում էր։ Ես այլևս տեսնում էի միայն նրա ատամների փայլն ու աչքերի շուրջը եղած փոքրիկ ծալքերը։ Նա նորից բղավեց.

― Դու դուրս կգաս, և մենք կամուսնանանք։

― Կարծո՞ւմ ես,– պատասխանեցի՝ մի բան ասած լինելու համար։

Շատ արագ և դարձյալ բարձրաձայն նա ասաց՝ այո, որ ինձ կարդարացնեն, և որ մենք միասին կլողանք։ Բայց կինը կողքից բղավում էր և ասում, որ զամբյուղ է հանձնել բանտի ընդունարան։ Նա թվարկում էր այն ամենը, ինչ դրել էր զամբյուղի մեջ։ Պետք է ստուգել, որովհետև այդ ամենը շատ թանկ արժի։ Մյուս հարևանս և իր մայրը շարունակում էին իրար նայել։ Ներքևում չէին դադարում արաբների քրթմնջոցները։ Դրսում լույսն ասես ուռչում և սեղմվում էր ապակյա պատին։

Ինձ վատ էի զգում, ուզում էի գնալ։ Աղմուկը հոգնեցրել էր ինձ։ Մյուս կողմից էլ դեռ ուզում էի վայելել Մարիի ներկայությունը։ Չգիտեմ որքան ժամանակ անցավ։ Անվերջ ժպտալով Մարին պատմում էր իր աշխատանքի մասին։ Քրթմնջոցները, գոռոցները, խոսակցությունները խաչաձևվում էին։ Լռության միակ կղզյակը՝ անխոս իրար նայողները, իմ կողքին էր՝ փոքրամարմին երիտասարդն ու պառավ կինը։ Քիչ-քիչ տանում էին արաբներին։ Հենց առաջինը դուրս եկավ, բոլորը միանգամից լռեցին։ Փոքրիկ պառավը մոտեցավ ճաղերին, և հենց նույն պահին հսկիչը նշան արեց որդուն։ Վերջինս ասաց.

― Ցտեսություն, մայրիկ։

Ճաղերի արանքից պառավը մտցրեց ձեռքը և երկար ու դանդաղ թափահարեց։

Պառավը գնաց։ Այդ ընթացքում գլխարկը ձեռքին մի մարդ եկավ ու գրավեց նրա տեղը։ Բերեցին մի բանտարկյալի, և նրանք սկսեցին աշխուժորեն զրուցել, սակայն կիսաձայն, քանի որ դահլիճում կրկին լռություն էր տիրել։ Եկան տանելու նաև իմ աջ կողքի հարևանին, բայց կինը նրան ասաց առանց իջեցնելու ձայնը, կարծես չէր նկատել, որ այլևս բղավելու անհրաժեշտության չկա.

― Քեզ լավ նայիր և զգույշ եղիր։

Հետո եկավ նաև իմ հերթը։ Մարին օդային համբույր ուղարկեց։ Դուրս գալուց առաջ շրջվեցի։ Նա անշարժ էր, դեմքն ամուր սեղմած ճաղերին, նույն ժպիտով՝ քառատված ու ջղաձիգ։

Կարճ ժամանակ անց նա ինձ նամակ գրեց։ Եվ այդ պահից սկսվեցին այն բաները, որոնց մասին խոսելն ինձ երբեք հաճելի չի եղել։ Ամեն դեպքում չպետք է չափազանցնել, այդ ամենն ինձ համար ավելի դյուրին էր անցնում, քան ուրիշների։ Սակայն բանտարկության սկզբում ամենադժվարն այն էր, որ ես ազատ մարդու մտքեր ունեի։ Օրինակ՝ ցանկություն էր առաջանում լողափում լինել և նետվել ծովը։ Պատկերացնելով առաջին ալիքների շառաչը ոտքերիս տակ, մարմնիս սուզումն ու ազատագրումը ջրի մեջ՝ ես հանկարծ զգում էի, թե որքան նեղ են բանտախցի պատերը։ Բայց դա տևեց մի քանի ամիս։ Հետագայում ես ունենում էի միայն բանտարկյալի խորհրդածություններ։ Սպասում էի բակում անցկացվող ամենօրյա զբոսանքին կամ փաստաբանիս այցելությանը։ Մնացած ժամանակս լավ էի տնօրինում։ Եվ հաճախ էի մտածում. եթե ինձ ստիպեին ապրել ծառի չոր փչակում, որտեղ միակ զբաղմունքս պիտի լիներ զմայլանքը գլխավերևումս եղած երկնքի փոփոխություններով, կամաց-կամաց ես դրան էլ կվարժվեի։ Ես կսպասեի թռչունների սավառմանը կամ ամպերի հանդիպմանը ճիշտ այնպես, ինչպես սպասում էի փաստաբանիս զվարճալի փողկապներին կամ ինչպես մյուս աշխարհում համբերությամբ սպասում էի շաբաթ օրվան, որպեսզի գրկեի Մարիի մարմինը։ Իսկ հիմա, եթե լավ մտածենք, ես չոր ծառի փչակում չէի. ինձնից ավելի դժբախտներ էլ կային։ Իմիջիայլոց, դա մորս միտքն էր, որ սիրում էր կրկնել, թե, ի վերջո, վարժվում ես ամեն ինչի։

Բացի այդ, սովորաբար ես այնքան հեռու չէի գնում։ Առաջին ամիսներին դժվար էր։ Բայց իմ գործադրած ճիգերի շնորհիվ ես կարողացա անցկացնել ժամանակը։ Օրինակ՝ ես տառապում էի կնոջ կարոտագին ցանկությունից։ Եվ դա բնական էր. երիտասարդ էի։ Ես երբեք չէի մտածում մասնավորապես Մարիի մասին։ Բայց այնքան էի մտածում կնոջ մասին, կանանց, իմ ճանաչած բոլոր կանանց մասին, նրանց պատկերացնում բոլոր պարագաներում, որոնցում սիրել էի նրանց, այնքան, որ բանտախուցս լցվում էր այդ դեմքերով ու խճողվում իմ ցանկություններով։ Ինչ-որ իմաստով դա ինձ հանում էր հավասարակշռությունից։ Մյուս կողմից էլ սպանում էր ժամանակը։ Ի վերջո, ես շահեցի ավագ բանտապանի կարեկցանքը, որն ուղեկցում էր խոհանոցից կերակուր բերող մատուցողին։ Նա առաջինը խոսք բացեց կանանց մասին։ Ասաց, որ հենց դրանից են սկսվում բոլոր բանտարկյալների գանգատները։ Նրան ասացի, որ չեմ տարբերվում մյուսներից և որ նման վերաբերմունքը համարում եմ անարդարացի։

― Բայց հենց դրա համար են ձեզ բանտ նետել,– ասաց նա։

― Ինչպե՞ս թե դրա համար։

― Այո։ Ազատությունը հենց դա է, որ կա։ Ձեզ զրկել են ազատությունից։

Երբևիցե չէի մտածել այդ մասին։ Համաձայնեցի նրա հետ.

― Ճիշտ է,– ասացի ես,– այլապես ի՞նչ պատիժ։

― Այո, դուք հասկացող եք և ոչ թե մյուսների նման։ Չնայած նրանք էլ, ի վերջո, սկսում են հանգստացնել իրենք իրենց։

Հետո բանտապանը գնաց։

Կար նաև ծխելու խնդիրը։ Երբ ինձ բանտ բերեցին, ինձնից վերցրին գոտիս, կոշիկներիս քուղերը, փողկապս և գրպաններիս ողջ պարունակությունը, մասնավորապես՝ ծխախոտս։ Մի անգամ խնդրեցի, որ դրանք վերադարձվեն ինձ։ Ասացին, որ արգելված է։ Առաջին օրերին շատ ծանր էր։ Գուցե ամենից շատ ես դրանից ընկճվեցի։ Մահճակալիս տախտակներից ծպեղներ էի պոկում ու ծծում։ Ամբողջ օրը տանջվում էի անվերջանալի սրտխառնուքից։ Ես չէի հասկանում, թե ինչու էին զրկում մի բանից, որը ոչ ոքի չէր վնասում։ Ավելի ուշ գլխի ընկա, որ դա ևս պատժի մի մասն էր կազմում։ Բայց այդ ժամանակ ես արդեն վարժվել էի չծխելուն, և դա որպես այդպիսին այլևս պատիժ չէր ինձ համար։

Այդ նեղությունները չհաշված՝ ես այնքան էլ դժբախտ չէի։ Ամբողջ խնդիրը, մեկ անգամ էլ ասեմ, ժամանակ սպանելն էր։ Ի վերջո, ես սկսեցի չձանձրանալ այն պահից ի վեր, երբ սովորեցի հիշել։ Երբեմն ինձ ստիպում էի վերհիշել իմ սենյակը և երևակայությամբ քայլում էի մի անկյունից մյուսը՝ մտովի թվարկելով այն ամենը, ինչ հանդիպում էր իմ ճանապարհին։ Սկզբում դա արագ էր ավարտվում։ Բայց ամեն անգամ վերսկսելիս ավելի երկար էր տևում։ Որովհետև մտաբերում էի բոլոր կահ-կարասիները, դրանցից յուրաքանչյուրի մեջ՝ ամեն մի իր, և յուրաքանչյուր առարկա՝ իր բոլոր մանրամասներով, և նույն այդ մանրամասների մեջ՝ յուրաքանչյուր դրվագանախշ, ճաք կամ քերծված եզր, վերհիշում նրանց ատաղձն ու գույնը։ Միաժամանակ ջանում էի չկորցնել իմ գույքագրման հերթականությունը, կատարել ամբողջական համալրում, և այնքան լավ, որ մի քանի շաբաթ անց կարող էի ժամեր շարունակ գբաղվել միայն սենյակումս եղած իրերի թվարկումով։ Այսպես, որքան շատ էի մտածում, այնքան ավելի շատ մոռացված կամ անուշադրության մատնված իրեր էի դուրս քաշում իմ հիշողությունից։ Այդ ժամանակ ես հասկացա, որ եթե մարդ անգամ ունեցել է մեկ օրվա կյանք, ապա հարյուր տարի կկարողանա ապրել բանտում։ Չձանձրանալու համար նա կունենա բավականաչափ հիշողություններ։ Ինչ-որ իմաստով սա առավելություն էր։

Կար նաև քնելու խնդիրը։ Սկզբում ես գիշերը վատ էի քնում։ Ցերեկը բոլորովին աչք չէի փակում։ Քիչ-քիչ գիշերներս կարգավորվեցին, և անգամ սկսեցի ցերեկն էլ քնել։ Վերջին ամիսները, կարող եմ ասել, օրական քնում էի տասնվեց-տասնութ ժամ։ Ինձ մնում էր սպանել ևս վեց ժամ՝ ծախսելով ուտելու, բնական կարիքների, հիշողությունների և չեխի պատմության վրա։

Մի օր թախտիս ծղոտե ներքնակի ու տախտակների արանքում ես հայտնաբերեցի լրագրի մի հին թերթիկ՝ կտորին զմռսված, դեղնած ու թափանցիկ։ Այնտեղ նկարագրված էր իրական մի դեպք, որի սկիզբը չկար, բայց ամենայն հավանականությամբ այն տեղի էր ունեցել Չեխոսլովակիայում։ Մի չեխ մարդ գյուղից գնում է իր բախտը որոնելու։ Քսանհինգ տարի անց, արդեն մեծ կարողության տեր՝ կնոջ ու երեխայի հետ վերադառնում է հայրենի գյուղ, որտեղ իր մայրն ու քույրը հյուրանոց ունեին։ Նրանց անակնկալ մատուցելու համար այս մարդը կնոջն ու երեխաներին ուրիշ տեղ է թողնում, իսկ ինքը գնում է մոր մոտ։ Մայրը չի ճանաչում որդուն, որը կատակի համար որոշում է սենյակ վարձել և ցուցադրում է իր փողերը։ Գիշերը մայրն ու քույրը մուրճով սպանում են նրան, թալանում են ու դիակը գցում գետը։ Առավոտյան գալիս է այդ մարդու կինը և, անտեղյակ ամեն ինչին, հայտնում է ճանապարհորդի ով լինելը։ Մայրը կախվում է, իսկ քույրն իրեն նետում է ջրհորը։ Այս պատմությունը ես ընթերցեցի երևի մի հազար անգամ։ Մի կողմից այն անհավանական էր թվում, մյուս կողմից՝ բնական։ Ամեն դեպքում, իմ կարծիքով, ճանապարհորդն ինչ-որ տեղ արժանի էր, որովհետև երբեք չպետք է ձևացնել։

Այսպես՝ ժամեր շարունակ քնելով, հիշողություններով, իմ իրական դեպքի ընթերցանությամբ, լույս ու մութի հերթագայություններով, ժամանակն անցավ։ Ես կարդացել էի, որ բանտում ի վերջո կորցնում ես ժամանակի հասկացողությունը։ Սակայն սրա մեջ խոր իմաստ չէի գտել։ Ես չէի հասկացել, թե օրերն ինչ աստիճանի կարող են լինել միաժամանակ և՛ երկար, և՛ կարճ։ Երկար, անշուշտ, ապրելու համար, սակայն և այնքան ձգձգված, որ, ի վերջո, միախառնվում էին իրար։ Նրանք այստեղ կորցնում էին իրենց անունները։ «Երեկ» ու «վաղը» բառերը միակն էին, որ ինձ համար դեռ պահպանում էին իրենց իմաստը։

Երբ մի օր բանտապահն ասաց, թե արդեն հինգ ամիս է, ինչ այստեղ եմ, հավատացի, բայց չհասկացա։ Ինձ համար անընդմեջ նույն օրն էր բացվում իմ խցիկում, և ես միշտ նույն պարտականությունն էի կատարում։ Այդ օրը բանտապահի գնալուց հետո ես ինձ նայեցի կերակրամանիս մեջ։ Ինձ թվաց, թե արտացոլված պատկերը լուրջ էր, չնայած ես ջանում էի ժպտալ։ Ամանը շուռումուռ տվեցի։ ժպտացի, սակայն պատկերս չփոխվեց, նույնն էի՝ խստաբարո ու տխուր։ Օրն ավարտվում էր, և այն ժամն էր, որի մասին չէի ուզենա խոսել այն անանուն ժամը, երբ բանտի բոլոր հարկերից իրիկնային ձայները բարձրանում էին ասես շքախմբային լռության միջով։ Ես մոտեցա լուսանցույցին և վերջալույսի մեջ մեկ անգամ ևս զննեցի իմ պատկերը։ Այն շարունակում էր մնալ լուրջ, և ինչ կար զարմանալու, եթե այդ պահին ես այդպիսին էի։ Բայց միևնույն ժամանակ առաջին անգամ այդքան ամիսների ընթացքում ես պարզորոշ լսեցի իմ սեփական ձայնը։ Ես ճանաչեցի այդ ձայնը, այն արդեն օրեր շարունակ արձագանքվում էր ականջներումս, և հասկացա, որ այդ ամբողջ ընթացքում ես մենակ եմ խոսել։ Հիշեցի, թե ինչ ասաց հիվանդապահուհին մորս թաղման ժամանակ։ Ոչ, ելք չկա, և ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում երեկոն բանտում։

III

Կարելի է ասել, որ ըստ էության մի ամառը շատ արագ փոխարինվեց մեկ ուրիշով։ Ես գիտեի, որ հենց օրերը տաքանան, ինչ-որ նորություն կլինի ինձ համար։ Իմ գործը նշանակված էր երդվյալների դատարանի վերջին նստաշրջանին, իսկ այդ նստաշրջանն ավարտվելու էր հունիսի վերջին։ Վիճաբանություններն սկսվեցին, երբ դրսում շոգ ամառ էր։ Փաստաբանս ինձ հավաստիացրեց, որ դատավարությունը կտևի ամենաշատը երկու-երեք օր։

― Բացի այդ,– ավելացրեց նա,– դատարանը պետք է շտապի, որովհետև ձեր գործը նստաշրջանում ամենակարևորը չէ։ Հայրասպանության գործ կա, որը քննվելու է անմիջապես հետո։

Առավոտյան յոթն անց կեսին եկան իմ ետևից, և բանտի մեքենան ինձ տարավ Արդարադատության պալատ։ Երկու ոստիկան ինձ մտցրին մի փոքր սենյակ, որտեղից խոնավության հոտ էր գալիս։ Մենք սպասում էինք՝ նստած փոքրիկ դռան մոտ, որի հետևից լսվում էին զանազան ձայներ, կանչեր, աթոռի ճռնչյուն։ Այս ամբողջ իրարանցումն ինձ մտովին տարավ մեր թաղի տոնախմբությունները, երբ համերգից հետո դասավորում էինք դահլիճը պարելու համար։ Ոստիկաններն ասացին, որ պետք է սպասել դատարանին, իսկ նրանցից մեկն ինձ ծխախոտ առաջարկեց, որից ես հրաժարվեցի։ Քիչ անց նա ինձ հարցրեց.

― Սիրտդ դողո՞ւմ է։

Ասացի՝ ոչ։ Եվ անգամ, եթե դատելու լինենք, ինձ հետաքրքիր էր ներկա գտնվել դատավարությանը։ Նման առիթ երբևէ չէի ունեցել իմ կյանքում։

― Այո,– ասաց երկրորդ ոստիկանը,– բայց, ի վերջո, դա էլ է հոգնեցնում։

Որոշ ժամանակ անց մի կարճատև զանգ հնչեց սենյակում։ Այդ ժամանակ հանեցին իմ ձեռնաշղթաները։ Բացեցին դուռն ու ինձ մտցրին մեղադրյալների մեկուսարան։ Դահփճը լեփ-լեցուն էր։ Չնայած վարագույրներին, արևը տեղ-տեղ ներս էր թափանցում, և օդն արդեն հեղձուցիչ էր։ Լուսամուտները չէին բացել։ Ես նստեցի, իսկ ոստիկանները կանգնեցին կողքերս։ Այդ պահին նկատեցի դեմքերի մի ամբողջ շարան։ Բոլորն ինձ էին նայում։ Ես հասկացա, որ դրանք երդվյալներն էին։ Սակայն չեմ կարող ասել, թե մեկը մյուսից ինչով էր տարբերվում։ Իմ մեջ առաջացած միակ զգացումն այն էր, որ ես կանգնած եմ տրամվայի երկար նստարանի առջև, և բոլոր անանուն ուղևորները զննում են նորելուկին, որպեսզի նրա մեջ հայտնաբերեն ծիծաղելի բաներ։ Գիտեմ, որ դա հիմար միտք էր, քանի որ նրանք ոչ թե ծիծաղելին էին փնտրում, այլ հանցանքը։ Սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ամեն դեպքում այդ միտքն էր ծագել իմ գլխում։

Եվ հետո ես լրիվ թմրել էի այդ փակ դահլիճում խռնված հսկայական բազմությունից։ Նորից նայեցի դատարանի դահլիճին. ոչ մի դեմք չկարողացա տարբերել։ Ինձ թվում է, չէի հասկանում, որ այդ բոլոր մարդիկ խռնվում են ինձ տեսնելու համար։ Ընդհանրապես մարդիկ չէին հետաքրքրվում ինձնով։ Հարկ եղավ ճիգ գործադրել հասկանալու համար, որ այդ ամբողջ իրարանցման պատճառը ես եմ։ Ոստիկանին ասացի.

― Որքա՜ն շատ մարդ կա։

Նա պատասխանեց.

― Լրագրերի պատճառով,– և ինձ մատնացույց արեց մի խումբ մարդկանց, որոնք կանգնած էին երդվյալների նստարանի ներքևում՝ սեղանի առջև։

Ոստիկանն ասաց.

― Ահա, սրանք են։

― Ովքե՞ր,– հարցրի ես։

― Լրագրերը,– կրկնեց նա։

Լրագրողներից մեկը ծանոթ էր նրան, նկատեց ու մոտեցավ մեզ։ Արդեն տարիքն առած մարդ էր՝ հաճելի արտաքինով, բայց փոքր-ինչ ծամածռվող դեմքով։ Ջերմ սեղմեց ոստիկանի ձեռքը։ Այդ պահին նկատեցի, որ մարդիկ, հանդիպելով միմյանց, ժպտում էին, զրուցում, հարցուփորձ անում իրար, ասես ակումբում լինեին, որտեղ ուրախ ես, որ քո շրջապատի մարդկանց մեջ ես։ Թերևս դրանով կարելի է բացատրել իմ ունեցած այն տարօրինակ զգացումը, թե ես ավելորդ էի այնտեղ՝ անկոչ հյուր։ Բայց լրագրողը ժպտալով դիմեց ինձ։ Նա ասաց, որ հուսով է՝ ամեն բան լավ կավարտվի ինձ համար։ Ես շնորհակալություն հայտնեցի, իսկ նա ավելացրեց.

― Գիտեք ինչ, մենք մի փոքր ուռճացրել ենք ձեր գործը։ Ամառ է՝ մի տեսակ դատարկ շրջան լրագրերի համար։ Միայն ձեր դեպքն է և հայրասպանությունը, որ ինչ-որ բան արժեն։

Հետո նա իրենց խմբում ցույց տվեց մի փոքրամարմին մարդու, որն ասես ճարպակալած կզաքիս լիներ՝ մեծ, սև շրջանակներով ակնոցն աչքերին։ Ասաց, որ փարիզյան լրագրերից մեկի հատուկ թղթակիցն է։

― Ընդ որում նա հատուկ ձեզ համար չի եկել։ Քանի որ հանձն է առել ներկայացնել հայրասպանության դատավարությունը, ուստի նրան խնդրել են հեռագրով պատմել նաև ձեր գործի մասին։

Այստեղ ևս քիչ մնաց շնորհակալություն հայտնեի նրան։ Բայց մտածեցի, որ ծիծաղելի կլինի։ Նա մտերմաբար թափ տվեց ձեռքն ու հրաժեշտ տվեց մեզ։ Իսկ մենք էլի մի քանի րոպե սպասեցինք։

Եկավ փաստաբանս՝ թիկնոցը հագին, շրջապատված բազմաթիվ գործընկերներով։ Մոտեցավ լրագրողներին, սեղմեց շատերի ձեռքը։ Նրանք կատակում էին, ծիծաղում, շատ անկաշկանդ տեսք ունեին մինչև զանգի հնչելը դատարանում։ Բոլորը զբաղեցրին իրենց տեղերը։ Փաստաբանս մոտեցավ ինձ, սեղմեց ձեռքս ու խորհուրդներ տվեց, հակիրճ պատասխանել ինձ տրված հարցերին, նախաձեռնություն հանդես չբերել, իսկ մնացածի համար վստահել իրեն։

Ձախ կողմից լսեցի ետ հրվող աթոռի ճռռոցը։ Բարձրահասակ, նիհար, կարմիր հագուստով ու կոթավոր ակնոցով մի մարդ էր նստում՝ խնամքով ուղղելով թիկնոցի փեշերը։ Դատախազն էր։ Մի կատարածու ազդարարեց դատարանի մուտքը։ Նույն պահին երկու հսկայական օդափոխիչներ սկսեցին հռնդալ։ Երեք դատավոր, որոնցից մեկը՝ կարմիր, իսկ երկուսը՝ սև թիկնոցներով, ներս մտան՝ ձեռքերին իրենց գործերի թղթապանակները, և արագ-արագ գնացին դեպի դահլիճից որոշ բարձրությամբ գտնվող ամբիոնը։ Կարմիր թիկնոցավորը նստեց մեջտեղի բազկաթոռին, գլխադիրը դրեց դիմացը, թաշկինակով սրբեց փոքրիկ ճաղատը և հայտարարեց, որ դատական նիստը սկսված է։

Լրագրողներն արդեն պատրաստ էին՝ գրիչները վերցրած ձեռքերը։ Նրանք բոլորն էլ նույն՝ անտարբեր և փոքր-ինչ հեգնական տեսքն ունեին։ Սակայն նրանցից մեկը՝ մոխրագույն բամբակյա հագուստով, կապույտ փողկապով ամենաերիտասարդը, մի կողմ էր դրել գրիչն ու նայում էր ինձ։ Նրա անհամաչափ դեմքին ես տեսնում էի միայն պայծառ աչքերը, որոնք ուշադիր ինձ էին զննում՝ չարտահայտելով որևէ որոշակի բան։ Մի տեսակ տարօրինակ էի զգում ինձ՝ ասես ինքս էի ինձ զննում։ Գուցե այդ պատճառով, և նաև, որ չգիտեի դատական կարգուկանոնը, այնքան էլ լավ չհասկացա, թե ինչ կատարվեց հետո, վիճակահանությամբ ընտրվեցին երդվյալները, նախագահը հարցեր էր տալիս փաստաբանին, դատախազին ու երդվյալներին (որոնց գլուխներն ամեն անգամ միաժամանակ շրջվում էին դատական ատյանի կողմը), արագ ընթերցվեց մեղադրական եզրակացությունը, որտեղ ես տարբերեցի ծանոթ վայրերի ու մարդկանց անունները, հետո նորից սկսեցին հարցեր տալ իմ փաստաբանին։

Բայց նախագահն ասաց, որ անցնում է վկաների հարցաքննությանը։ Կատարածուն անուններ կարդաց, որոնք գրավեցին իմ ուշադրությունը։ Հասարակության միջից, որ մինչ այդ անկերպարանք էր, տեսա, թե ինչպես մեկ-մեկ վեր կացան ու կողմնային դռնից անհետացան ծերանոցի տնօրենն ու դռնապանը, ծերուկ Թոմա Պերեզը, Ռեյմոնը, Մասոնը, Սալամանոն և Մարին։ Վերջինս տագնապափ նշան արեց ինձ։ Իմ զարմանքը, որ ավելի շուտ չէի նկատել նրանց, դեռ չէր անցել, երբ հնչեց վերջին վկայի անունը՝ Մելեստ, և նա էլ վեր կացավ։ Նրա կողքին ես ճանաչեցի ճաշարանի տարօրինակ կնոջը՝ փոքրամարմին, ինձ ծանոթ ծակետով, շիտակ ու վճռական տեսքով։ Նա համառորեն ինձ էր նայում։ Բայց ես ժամանակ չունեցա մտածելու, որովհետև նախագահը սկսեց խոսել։ Նա ասաց, որ հիմա են սկսվելու իսկական քննարկումները, և որ իր կարծիքով անիմաստ է հասարակությանը հիշեցնել, որ անհրաժեշտ է պահպանել լռություն և հանգիստ։ Ըստ նրա՝ իր առաքելությունն էր անաչառորեն հետևել, որ գործը քննվի օբյեկտիվորեն։ Երդվյալների ներկայացրած դատավճիռն ընդունված կլինի արդարադատության ոգով, սակայն, նվազագույն միջադեպի դեպքում նա կհրամայի ազատել դահլիճը։

Շոգը սաստկանում էր, և ես նկատում էի, որ դահլիճում ներկաներն իրենց հովհարում են լրագրերով։ Այդ պատճառով դահլիճում ճմռթված թղթի համատարած թույլ շրշյուն էր տարածվել։ Նախագահը նշան արեց, և կատարածուն բերեց ծղոտից հյուսված երեք հովհար, որ երեք դատավորն էլ իսկույն գործի դրեցին։

Անմիջապես սկսվեց իմ հարցաքննությունը։ Նախագահն ինձ հարցեր էր տալիս հանգիստ և անգամ (գուցե ինձ թվաց)՝ բարյացակամորեն։ Ինձ դարձյալ ստիպեցին հայտնել իմ ինքնությունը, և չնայած զայրույթիս, ես մտածեցի, որ ըստ էության դա բավական բնական է, որովհետև չափազանց վտանգավոր կլիներ, եթե սխալմամբ մեկին դատեին մյուսի փոխարեն։ Հետո նախագահը վերսկսեց պատմել իմ արածը, երեք նախադասությունը մեկ դիմելով ինձ.

― Այդպե՞ս է։

Ամեն անգամ ես պատասխանում էի ըստ իմ փաստաբանի հրահանգների.

― Այո, պարոն նախագահ։

Այս ամենը երկար տևեց, որովհետև նախագահն իր պատմությունը շարադրում էր ամենայն մանրամասնությամբ։ Այդ ընթացքում լրագրողները գրում էին։ Ես զգում էի նրանցից ամենաերիտասարդի և փոքրիկ ավտոմատ-կնոջ հայացքները։ Տրամվայի նստարանն ամբողջությամբ շրջված էր նախագահի կողմը։ Վերջինս հազաց, թերթեց իր գործը և, հովհարելով, շրջվեց դեպի ինձ։

Նա ինձ ասաց, որ այժմ այնպիսի հարցեր է շոշափելու, որոնք արտաքուստ թեպետ չեն առնչվում, սակայն իրականում կապված են իմ գործին։ Ես գլխի ընկա, որ դարձյալ խոսելու է մորս մասին։ Միաժամանակ զգացի, թե դա որքան ձանձրալի էր ինձ համար։ Հարցրեց, թե ինչու մորս տարա ծերանոց։ Պատասխանեցի, որ նրան պահելու և խնամելու բավականաչափ դրամ չունեի։ Հարցրեց, թե այդ բաժանումը ծա՞նր էր ինձ համար։ Պատասխանեցի, որ ո՛չ ես, ո՛չ մայրս այլևս սպասելիքներ չունեինք ոչ իրարից, ոչ էլ ուրիշ որևէ մեկից և որ արդեն վարժվել էինք մեր կյանքի նոր պայմաններին։ Այդ ժամանակ նախագահն ասաց, որ կանգ չի առնի այս հարցի վրա, և հարցրեց դասախազին, թե ուրիշ հարց չունի՞ ինձ տալու։

Դատախազը, որ մեջքով կիսաշրջված էր դեպի ինձ, առանց ինձ նայելու հայտարարեց, որ նախագահի թույլտվությամբ կուզենար իմանալ, թե արաբին սպանելու մտադրությա՞մբ էի մենակ վերադարձել աղբյուրի մոտ։

― Ոչ,– ասացի ես։

― Ուրեմն ինչո՞ւ էր նա զինված և ինչո՞ւ հենց այդ տեղը վերադարձավ։

Ասացի, որ պատահականություն էր։ Իսկ դատախազը դժկամորեն արձագանքեց.

― Առայժմ բավական է։

Հետո ամեն բան խառնիխուռն ընթացավ, համենայնդեպս՝ ինձ համար։ Բայց որոշ փսփսոցներից հետո նախագահը հայտարարեց, որ դատարանը գնում է ընդմիջման, և որ կեսօրից հետո լսելու են վկաներին։

Մտածելու ժամանակ չունեցա։ Ինձ տարան, բարձրացրին կալանավորների մեքենան ու փոխադրեցին բանտ։ Այնտեղ ես ճաշեցի։ Շատ կարճ ժամանակից հետո, երբ հազիվ էի անդրադարձել, որ հոգնած եմ, եկան իմ ետևից։ Ամեն ինչ վերսկսվեց, ես դարձյալ նույն դահլիճում էի, նույն մարդկանց դեմառդեմ։ Միայն շոգն էր շատ ավեփ սաստկացել, և ասես հրաշքով բոլոր երդվյալները, դատախազը, փաստաբանս և մի քանի լրագրողներ նույնպես ձեռք էին բերել ծղոտե հովհարներ։ Երիտասարդ լրագրողն ու փոքրիկ կինն իրենց տեղում էին։ Բայց չէին հովհարում և շարունակում էին անխոս նայել ինձ։

Սրբեցի դեմքիս քրտինքը և իմ որտեղ և ինչ լինելս գիտակցեցի միայն այն ժամանակ, երբ լսեցի, որ կանչում են ծերանոցի տնօրենին։ Նրան հարցրին, թե մայրս տրտնջո՞ւմ էր ինձնից։ Նա ասաց՝ այո, բայց ավելացրեց, որ դա իր ծերանոցի բնակիչների մոլություններից է՝ մշտապես բողոքել հարազատներից։ Նախագահը նրան խնդրեց ճշտել, թե մայրս ինձ մեղադրո՞ւմ էր իրեն ծերանոց տանելու համար, և տնօրենր կրկին ասաց՝ այո։ Բայց այս անգամ նա ոչինչ չավելացրեց։ Հաջորդ հարցին պատասխանելով՝ ասաց, որ ապշել էր իմ հանգստությունից մայրիկի թաղման ժամանակ։ Նրան հարցրին, թե ինչ է ենթադրում՝ «հանգստություն» ասելով։ Այդ ժամանակ տնօրենը, հայացքը գցելով կոշիկների քթերին, ասաց, որ ես չեմ ցանկացել տեսնել մորս, գոնե մեկ անգամ արցունք չեմ թափել, իսկ թաղումից անմիջապես հետո մեկնել եմ, առանց միայնակ սգալու մորս շիրմաթմբի վրա։ Մի բան էլ էր զարմացրել նրան, թաղման գրասենյակի աշխատակիցն ասել էր, որ ես չգիտեի՝ քանի տարեկան էր մայրիկս։ Մի պահ լռություն տիրեց։ Նախագահը հարցրեց տնօրենին, թե իմ մասի՞ն է խոսում։ Բայց քանի որ վերջինս չհասկացավ հարցը, նախագահը բացատրեց.

― Այդպես է օրենքով։

Հետո նախագահը հարցրեց դատախազին, թե վկային հարց չունի՞ տալու, և դատախազը բացականչեց.

― Օ՜, ոչ, բավական է,– և այնքան էր խանդավառված, այնպիսի հաղթական հայացք ձգեց վրաս, որ այսքան տարվա ընթացքում ես առաջին անգամ լացելու հիմար ցանկություն ունեցա, որովհետև զգացի, թե այդ մարդիկ որքան են ատում ինձ։

Երդվյալներից և իմ փաստաբանից տեղեկանալով, որ հարցեր չունեն, նախագահը կանչեց դռնապանին։ Նրա հետ կրկնվեց նույն արարողությունը, ինչ մյուսների։ Տեղ հասնելով՝ դռնապանը նայեց ինձ ու շրջեց հայացքը։ Նա պատասխանեց իրեն տրված հարցերին։ Ասաց, որ չեմ ցանկացել տեսնել մորս, որ ծխելեմ, որ քնել եմ և խմել եմ կաթով սուրճ։ Այդ պահին զգացի, որ ինչ-որ բան շարժեց դահլիճի զայրույթը, և առաջին անգամ հասկացա, որ մեղավոր եմ։ Դռնապանին կրկնել տվեցին կաթով սուրճի ու ծխախոտի պատմությունը։ Դատախազն ինձ նայեց հեգնանքից փայլող աչքերով։ Այդ պահին փաստաբանս հարցրեց դռնապանին, նա ինքն էլ չի՞ ծխել արդյոք ինձ հետ։ Բայց դատախազը կտրուկ ըմբոստացավ այդ հարցի դեմ.

― Ո՞վ է այստեղ հանցագործը, և այդ ինչ միջոցներով են ջանում արատավորել ամբաստանող վկաներին, արժեգրկել ցուցմունքները՝ ջանալով նվազեցնել նրանց ջախջախիչ ուժը։

Չնայած այդ ամենին՝ նախագահը խնդրեց դռնապանին պատասխանել հարցին։ Ծերուկը շփոթվեց.

― Գիտեմ, որ սխալվել եմ։ Բայց ես չհամարձակվեցի մերժել պարոնի առաջարկած ծխախոտը։

Վերջում ինձ հարցրին, թե ոչինչ չունե՞մ ավելացնելու։

― Ոչինչ,– պատասխանեցի ես,– միայն այն, որ վկան իրավացի է։ Ճիշտ է, որ ծխախոտը ես եմ տվել։

Դռնապանն ինձ նայեց զարմանքով ու մի տեսակ երախտագիտությամբ։ Մի քիչ տատանվելուց հետո ասաց, որ ինքն է ինձ հրամցրել կաթով սուրճը։

Փաստաբանս աղմկալից հաղթանակ տոնեց։ Նա հայտարարեց, որ երդվյալները հաշվի կառնեն այս փաստը։ Սակայն դատախազը որոտրնդոստ գոռգոռաց մեր գլխավերևում.

― Այո, պարոնայք երդվյալները հաշվի կառնեն։ Եվ նաև կեզրակացնեն, որ կողմնակի մեկը կարող էր սուրճ առաջարկել, սակայն որդին պարտավոր էր հրաժարվել դրանից՝ հոգին ավանդած մարմնի առջև, որն իրեն կյանք էր պարգևել։

Դռնապանը վերադարձավ իր տեղը։

Երբ եկավ Թոմա Պերեզի հերթը, կատարածուներից մեկը ստիպված եղավ նրան ուղեկցել մինչև բազրիքը։ Պերեզն ասաց, որ ինքն ավելի լավ ճանաչում էր մորս, իսկ ինձ տեսել է միայն մեկ անգամ՝ թաղման օրր։ Նրան հարց տվեցին, թե ինչ էի անում ես այդ օրը։ Նա պատասխանեց.

― Հասկանո՞ւմ եք, ես ինքս մեծ վշտի մեջ էի, ոչինչ չեմ տեսել։ Վիշտս ինձ խանգարում էր տեսնել։ Որովհետև դա չափազանց մեծ վիշտ էր ինձ համար։ Եվ ես նույնիսկ ուշաթափվեցի։ Ուրեմն չէի կարող տեսնել պարոնին։

Դատախազը նրան հարցրեց, թե գոնե տեսե՞լ է ինձ լաց լինելիս։ Պերեզն ասաց՝ ոչ։ Դատախազն իր հերթին ասաց.

― Պարոնայք երդվյալները սա հաշվի կառնեն։

Բայց փաստաբանս զայրացավ։ Նա հարցրեց Պերեզին, իմ կարծիքով՝ մի քիչ չափազանցված հնչերանգով, թե «տեսե՞լ է նա, որ ես չեմ լացել»։ Պերեզն ասաց՝ ոչ։ Դահլիճը ծիծաղեց։ Իսկ փաստաբանս, վեր քշտելով թևքերից մեկը, ասաց անառարկելի հնչերանգով.

― Ահա սա է դատավարության պատկերը։ Ամեն ինչ ճիշտ է, և ոչինչ ճիշտ չէ։

Դատախազն անզգա տեսք ուներ և ջանում էր մատիտը խցկել թղթերի մեջ։

Հինգրոպեանոց ընդմիջում հայտարարվեց։ Այդ ընթացքում փաստաբանս ինձ ասաց, որ ամեն բան բարեհաջող է ընթանում։ Այնուհետև լսեցին Սելեստին, որը կանչվել էր պաշտպանության կողմից։ Պաշտպանվող կողմը ես էի։ Ժամանակ առ ժամանակ Սելեստը հայացք էր ձգում իմ կողմը՝ ձեռքերի մեջ ճմռթելով պանաման։ Նա իր նոր կոստյումով էր, որ հագնում էր մեկ-մեկ կիրակի օրերը՝ ինձ հետ ձիարշավարան գնալիս։ Բայց իմ կարծիքով չէր կարողացել նստեցնել նեղ օձիքը, որովհետև պղնձյա կոճակ էր ամրացրել վերնաշասփկը կոճկելու համար։ Նրան հարցրին, թե ես իր հաճախո՞րդն եմ եղել, և նա ասաց.

― Այո, բայց նաև՝ ընկերս։

Հարցրին, թե ինչ կարծիքի է իմ մասին, և նա պատասխանեց, որ ես մարդ եմ, իսկ թե ինչ է հասկանում այդ ասելով, նա հայտարարեց, որ բոլորն էլ գիտեն, թե դա ինչ է նշանակում։ Հարցրին, թե նկատե՞լ է, որ ես ինքնամփոփ մարդ եմ, և նա միայն նշեց, որ ես դատարկախոս չեմ։ Դատախազը հարցրեց, թե ես կանոնավո՞ր էի վճարում կերակրավարձը։ Սելեստը ծիծաղեց և ասաց.

― Դա աննշան մանրուք է, մենք հասկանում էինք իրար։

Նրան նաև հարցրին, թե ինչ է մտածում իմ հանցագործության մասին։ Այդ ժամանակ նա հենվեց բազրիքին, երևում էր, որ նախապատրաստված էր։ Նա ասաց.

― Ինձ համար դա դժբախտություն է։ Իսկ դժբախտությունը, գիտեք, ինչ է։ Այն բոլորիս անպաշտպան է դարձնում։ Դե, ինչ ասեմ, իմ կարծիքով՝ դա դժբախտություն է։

Նա ուզում էր շարունակել, բայց նախագահն ասաց՝ լավ է, շնորհակալություն։ Սելեստը մի պահ շփոթվեց, բայց հետո հայտարարեց, որ ուզում է էլի խոսել։ Նրան խնդրեցին կարճ կապել։ Նա նորից կրկնեց, որ դա դժբախտություն է։ Եվ նախագահն ասաց.

― Այո, պարզ է։ Բայց մենք հենց նրա համար ենք, որ դատենք այդ կարգի դժբախտությունները։ Շնորհակալություն ձեզնից։

Սելեստը, ասես հատելով իր գիտելիքների ու բարի կամեցողության եզրագիծը, շրջվեց իմ կողմը։ Ինձ թվաց, թե նրա աչքերը փայլում էին, իսկ շրթունքները՝ դողում։ Նա կարծես հարցնում էր, թե ուրիշ ինչ կարող է անել։

Ես ոչինչ չասացի, չարեցի ոչ մի շարժում, սակայն կյանքումս առաջին անգամ ցանկություն ունեցա համբուրել տղամարդու։ Նախագահը կրկին հորդորեց նրան հեռանալ բազրիքից։ Սելեստը գնաց, նստեց դահլիճում։ Դատական նիստի մնացած ընթացքում այնտեղ էլ մնաց՝ առաջ հակված, արմունկները հենած ծնկներին, պանաման ձեռքերի մեջ, ուշադիր լսելով այն ամենը, ինչ ասվում էր։

Ներս եկավ Մարին։ Գլխարկ էր դրել և դարձյալ գեղեցիկ էր։ Բայց ես նրան ավելի շատ սիրում էի հերարձակ։ Հեռվից գուշակում էի նրա կրծքերի թեթև ծանրությունը, տեսնում փոքր-ինչ ուռուցիկ ստորին շրթունքը։ Շատ նյարդային էր երևում։ Նրան անմիջապես հարցրին, թե երբվանից է ճանաչում ինձ։ Նա նշեց ամսաթիվը, երբ աշխատում էր մեզ մոտ։ Նախագահը ցանկացավ իմանալ, թե ինչ հարաբերություններ ուներ ինձ հետ։ Մարին ասաց, որ իմ ընկերուհին էր։ Հաջորդ հարցին պատասխանեց, որ, իրոք, պիտի ամուսնանար ինձ հետ։ Դատախազը, որ մինչ այդ ինչ-որ բան էր թերթում, հանկարծ հարցրեց, թե երբ է սկսվել մեր կապը։ Մարին նշեց ամսաթիվը։ Դատախազն անտարբերությամբ նկատեց, որ իր կարծիքով դա մորս մահվան հաջորդ օրն է։ Հետո հեգնանքով ասաց, որ չէր ցանկանա կանգ առնել նման նուրբ հարցի վրա, որ լավ է հասկանում Մարիի տագնապները, բայց (այստեղ նրա ձայնն ավելի խստացավ) իր պարտքն իրեն հրամայում է բարձր մնալ պայմանականություններից։ Ուստի խնդրում է Մարիին՝ ամփոփ նկարագրել մեր ծանոթության օրը։ Մարին չէր ուզում խոսել, սակայն դատախազի համառությունը հաղթեց, և նա պատմեց մեր լոգանքների, կինոդիտման և իմ տանն անցկացրած ժամանակի մասին։ Դատախազն ասաց, որ, գնալով նախաքննության ժամանակ տված ցուցմունքների հետքերով, նա պարզել է այդ օրը ցուցադրված կինոնկարը։ Հետո ավելացրեց, որ Մարին ինքը կասի դրա վերնադիրը։ Գրեթե լրիվ խզված ձայնով Մարին հայտնեց, որ դա Ֆերնանդելի ֆիլմերից էր։ Երբ նա խոսքն ավարտեց, դահլիճում համատարած լռություն տիրեց։ Այդ ժամանակ դատախազը վեր կացավ և շատ լուրջ, իմ կարծիքով, իսկապես խզված ձայնով ասաց՝ մատնացույց անելով ինձ.

― Պարոնայք երդվյալներ, իր մոր մահվան հաջորդ օրր այս մարդը լոգանքներ է ընդունում, անօրինական կապի մեջ մտնում, գնում կատակերգություն դիտելու և հռհռալու։ Ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու։

Նա նստեց։ Դահլիճում շարունակվում էր լռությունը։ Բայց հանկարծ Մարին փղձկաց արցունքներից, ասաց, որ այդպես չէ, որ ամեն բան այլ կերպ է եղել, որ իրեն ստիպել են ասել իր մտածածի հակառակը, որ ինքն ինձ լավ է ճանաչում, և որ ես ոչ մի վատ բան չեմ արել։ Սակայն նախագահի հրամանով կատարածուն նրան դուրս տարավ, և նիստը շարունակվեց։

Հետո մի կերպ կարողացան լսել Մասոնին։ Նա հայտարարեց, որ ես ազնիվ մարդ եմ, և «դեռ ավելին՝ լավ մարդ»։ Մի կերպ լսեցին նաև Սալամանոյին, երբ նա հիշեց, թե ես որքան բարի եմ եղել իր շան նկատմամբ, իսկ մորս և ինձ վերաբերող հարցերին նա պատասխանեց, որ ես այլևս խոսելու բան չունեի մորս հետ և այդ պատճառով էլ նրան տարա ծերանոց։

― Հասկանա՜լ է պետք,– ասում էր Սալամանոն,– հասկանա՜լ։

Բայց, ինչպես երևում էր, ոչ ոք չէր հասկանում։ Նրան տարան։

Հետո եկավ Ռեյմոնի՝ վերջին վկայի եերթը։ Նա գլխի փոքրիկ շարժումով ողջունեց ինձ և անմիջապես ասաց, որ ես անմեղ եմ։ Բայց նախագահը հայտարարեց, որ նրանից ոչ թե գնահատականներ են խնդրում, այլ՝ փաստեր։ Նրան հրավիրել են, որ պատասխանի իրեն տրված հարցերին։ Նրան խնդրեցին ճշգրիտ բացատրել իր հարաբերությունները տուժածի հետ, և նա, օգտվելով առիթից, ասաց, որ վերոհիշյալ անձնավորությունն իրեն ատում էր այն ժամանակից ի վեր, երբ ապտակել էր նրա քրոջը։ Սակայն նախագահը հարցրեց, թե ինքը՝ զոհը, պատճառ չունե՞ր ինձ ատելու։ Ռեյմոնը պատասխանեց, որ իմ ներկայությունը լողափում լրիվ պատահականություն էր։ Դատախազն առարկեց, ասելով, որ պատահականությունն այս պատմության մեջ արդեն շատ չարիքներ գործեց խղճի դեմ։ Եվ խնդրեց տեղեկացնել՝ արդյոք պատահականությո՞ւն էր, որ ես չէի միջամտել, երբ Ռեյմոնն ապտակել էր իր սիրուհուն, պատահականությո՞ւն էր, որ ես վկայություն էի տվել ոստիկանատանը, դարձյա՞լ պատահականություն էր, որ իմ հայտարարություններն այս վկայությունից դուրս բխում էին զուտ կամակատարությունից։ Վերջում դատախազը հարցրեց Ռեյմոնին, թե ինչ միջոցներով է նա ապրում, և քանի որ վերջինս պատասխանեց՝ պահեստապետ, դատախազը երդվյալներին հայտարարեց, որ հանրահայտ փաստ է, որ վկան մասնագիտությամբ բոզարած է։ Իսկ ես նրա մեղսակիցն եմ և ընկերը։ Ուրեմն, խոսքը ամենաստորին կարգի, այլասերված մի ողբերգության մասին էր, որր բարդանում էր, քանի որ գործ ունեին բարոյական տեսակետից մի հրեշի հետ։ Ռեյմոնը ցանկացավ պաշտպանվել, փաստաբանս բողոքեց, սակայն նրան լռեցրին, ասելով, որ պետք է դատախազին թույլ տալ ավարտել խոսքր։ Վերջինս ասաց.

― Ես շատ բան չունեմ ավելացնելու։

Եվ հարցրեց Ռեյմոնին.

― Նա ձեր բարեկա՞մն էր։

― Այո,– պատասխանեց Ռեյմոնը,– ընկերս էր։

Դատախազը նույն հարցն ուղղեց ինձ։ Ես նայեցի Ռեյմոնին, և նա հայացքը չշրջեց։ Ես պատասխանեցի.

― Այո։

Դատախազը դարձյալ շրջվեց երդվյալների կողմր և հայտարարեց.

― Նույն անձնավորությունը, որն իր մոր մահվան հաջորդ օրը տրվել էր ամենաանամոթ սանձարձակության, աննշան առիթով մարդ է սպանում, որպեսզի պարտակի անորակելի բարքերով լի մի գործ։

Նա նստեց։ Սակայն փաստաբանս՝ համբերությունը հատած, տեղից վեր թռավ և բացականչեց, այնպես բարձրացնելով ձեռքերը, որ թիկնոցի թևքերը կախվեցին՝ բացելով օսլայած վերնաշապիկի դարսերը.

― Սա ի՞նչ բան է, վերջապես, նա մեղադրվում է մորը թաղելո՞ւ, թե՞ մարդասպանության մեջ։

Դահլիճը ծիծաղեց։ Բայց դատախազը նորից վեր կացավ, պարուրվեց իր զգեստով և հայտարարեց, որ միայն հարգարժան պաշտպանի նման միամիտ մարդը չի զգա այս երկու տարբեր կարգի փաստերի միջև գոյություն ունեցող խորը, զգայացունց և էական կապը։

― Այո,– եռանդուն բացականչեց նա,– ես մեղադրում եմ այս մարդուն, որն իր մորր թաղել է ոճրագործի սրտով։

Այս հայտարարությունը երևի ուժեղ ազդեցություն գործեց հասարակության վրա։ Փաստաբանս ուսերը թոթվեց ու սրբեց ճակատի քրտինքը։ Բայց երևում էր, որ ինքն էլ էր ցնցված, և ես հասկացա, որ գործերս վատ են։

Դատարանը վեր կացավ։ Արդարադատության պալատից դուրս գալիս, մինչև մեքենա բարձրանալս, մի քանի կարճատև վայրկյան ևս ինձ հաջողվեց վերապրել ամառային իրիկնապահի բույրն ու գույնը։ Սլացող բանտախցիս խավարի մեջ, ասես հոգնությանս խորքերից ես մեկ առ մեկ վերագտնում էի հարազատ ձայները մի քաղաքի, որը սիրում էի, վերապրում այն հազվագյուտ պահերը, երբ ինձ բավարարված էի զգում։ Լրագրավաճառների կանչերն արդեն խաղաղված օդում, վերջին թռչնակների ծլվլոցները պուրակում, սենդվիչ վաճառողների ձայնարկումները, տրամվայների հեծեծանքները քաղաքի կտրուկ շրջադարձերում, երկնքի ժխորը մինչև այն պահը, երբ նավահանգստի վրա կիջներ գիշերը, այս ամենն ինձ համար վերստեղծում էր կույրի այն երթուղին, որ ես լավ գիտեի մինչև բանտարկվելս։ Այո, դա հենց այն պահն էր, երբ մի ժամանակ, շատ վաղուց ես ինձ բավարարված էի զգում։ Իսկ հիմա ինձ սպասվում էր թեթև քուն՝ առանց երազների։ Բայցևայնպես, ինչ-որ բան փոխվել էր, քանի որ վաղվա սպասումներով էի վերադառնում մենախուցս։ Ասես ամառային երկնքում ակոսված մտերմիկ ճամփաները նույնպիսի հաջողությամբ կարող էին առաջնորդել և՛ բանտախուց, և՛ դեպի անմեղ քուն։

IV

Միշտ հետաքրքիր է լսել, թե ինչ են խոսում քո մասին, անգամ եթե նստած ես մեղադրյալի աթոռին։ Թե՛ դատախազի և թե՛ փաստաբանիս ճառում ավելի շատ, կարելի է ասել խոսվեց իմ մասին, գուցե շատ ավելի իմ, քան ոճրիս մասին։ Ասենք՝ այդ ճառերի միջև տարբերությունը մեծ չէր։ Փաստաբանը բարձրացնում էր թևերը, ընդունում, որ մեղավոր եմ, բայց ներողամտություն էր հայցում։ Դատախազը պարզում էր ձեռքերը, ճանաչում իմ մեղավորությունը, սակայն բացառում որևէ ներողամտություն։ Ինչ-որ տարտամ բան էր նեղում ինձ։ Եվ չնայած իմ մտատանջություններին, երբեմն ես փորձում էի միջամտել, և այդ ժամանակ փաստաբանս ասում էր.

― Լռեք, այդպես ավելի լավ կլինի ձեզ համար։

Կարծես իմ գործը քննում էին, այսպես ասած, ինձնից դուրս։ Ամեն ինչ ընթանում էր առանց իմ միջամտության։ Ճակատագիրս էին վճռում՝ առանց հաշվի առնելու իմ կարծիքը։ Երբեմն ցանկություն էի ունենում ընդհատել բոլորին և ասել. «Սակայն, ի վերջո, ո՞վ է մեղադրյալը։ Լուրջ բան է մեղադրյալ լինելը։ Ես ասելիք ունեմ»։ Բայց հետո, երբ մտածում էի, պարզվում էր, որ ոչինչ չունեմ ասելու։ Բացի այդ, պետք է ընդունել, որ հետաքրքրությունը, որով ձգտում են զբաղեցնել մարդկանց, երկար չի տևում։ Օրինակ, դատախազի մեղադրական ճառը շատ արագ հոգնեցրեց ինձ։ Միայն որոշ պատառիկներ, շարժումներ կամ երկարաշունչ՝ այն էլ ամբողջի հետ կապ չունեցող հատվածներ գրավեցին ինձ կամ շարժեցին հետաքրքրասիրությունս։

Նրա մտքերի հիմքում, որքան հասկացա, այն էր, որ ես կանխամտածված ոճիր էի գործել։ Համենայնդեպս, նա այդ էր ճգնում ապացուցել։ Ինքն էլ էր հենց այդպես ասում.

― Ես դա կապացուցեմ, պարոնայք, և կապացուցեմ կրկնակիորեն. նախ՝ փաստարկների կուրացուցիչ լույսի տակ, ապա՝ խավար լուսավորության մեջ, որ ինձ կմատուցի այս ոճրագործ հոգու ուսումնասիրությունը։

Նա ամփոփեց բոլոր փաստերը՝ սկսած մորս մահվանից։ Հիշեցրեց, թե որքան անզգայուն եմ եղել ես, ինչպես չեմ իմացել մորս տարիքը, ինչպես եմ լոգանքներ ընդունել հենց հաջորդ օրը, այն էլ կնոջ հետ, հիշեցրեց կինոնկարը, Ֆերնանդելին և, վերջապես, Մարիի հետ տուն գալս։ Այստեղ ինձ հարկ եղավ որոշ ժամանակ, մինչև հասկացա նրան, որովհետև ասում էր «սիրուհին», իսկ նա Մարի էր ինձ համար։ Հետո անցավ Ռեյմոնի պատմությանը։ Իմ կարծիքով՝ իրադարձությունների նրա մեկնաբանությունը հեռու չէր տրամաբանությունից։ Նրա ասածները ճշմարտանման էին։ Ռեյմոնին դաշնակցած՝ ես նամակ էի գրել նրա սիրուհուն՝ նրան գայթակղելու և «կասկածելի բարոյականության» տեր մի մարդու վատ ձեռնարկումներին հանձնելու համար։ Լողափին ես սադրել էի Ռեյմոնի ախոյաններին։ Ռեյմոնը վիրավորվել էր։ Նրանից խնդրել էի ատրճանակը։ Այն օգտագործելու նպատակով վերադարձել էի մենակ։ Սպանել էի արաբին, ինչպես մտածել էի նախօրոք։ Սպասել էի։ Եվ «համոզվելու համար, որ գործը լավ է արված», արձակել էի ևս չորս գնդակ՝ հանգիստ, անվրեպ, այսպես ասած, հաշվարկված ձևով։

― Ահավասիկ, պարոնայք,– ասաց դատախազը։ ― Ձեր առջև ես ուրվագծեցի դեպքերի այն ընթացքը, որն այս մարդուն հանգեցրեց խորապես գիտակցված սպանության։ Ես պնդում եմ սա,– ասաց նա,– որովհետև խոսքը չի վերաբերում մի սովորական սպանության, մի անգիտակից արարքի, որ դուք կուզենայիք թեթևացնել մեղմացուցիչ հանգամանքներով։ Այս մարդը, պարոնայք, այս մարդը խելացի է։ Դուք նրան լսեցիք, այնպես չէ՞։ Նա կարողանում է պատասխանել։ Նա գիտի բառերի արժեքը։ Եվ չենք կարող ասել, որ նա գործել է առանց իր արածի համար իրեն հաշիվ տալու։

Ես լսում էի, թե ինչպես են ինձ խելացի անվանում։ Բայց այնքան էլ լավ չէի հասկանում, թե ինչպես սովորական մարդու հատկանիշները կարող են ջախջախիչ հանցանշաններ դառնալ մեղադրյալի դեմ։ Համենայնդեպս, դա ինձ այնպես ապշեցրեց, որ ես այլևս չկարողացա լսել դատախազին մինչև այն պահը, երբ ականջիս հնչեցին.

― Երբևէ գոնե զղջացե՞լ է այս մարդը։ Ոչ, պարոնայք, երբեք։ Հետաքննության ամբողջ ընթացքում նրան գեթ մի անգամ չի հուզել իր կատարած նողկալի չարագործությունը։

Այդ պահին նա շրջվեց իմ կողմը և, ինձ մատնացույց անելով, շարունակեց ինձ անարգել, որի պատճառն իրականում ես չէի հասկանում։ Անշուշտ, ստիպված էի ընդունել, որ նա իրավացի էր. ես չէի զղջում արարքիս համար։ Սակայն այդչափ ատելությունը զարմացրել էր ինձ։ Կուզեի փորձել նրան բացատրել անկեղծորեն, գրեթե գորովագին, որ ես երբևէ չեմ կարողացել իսկապես զղջալ որևէ բանի համար։ Ես միշտ հրապուրված եմ եղել այն բանով, ինչ կատարվելու է այսօր կամ վաղը։ Բայց այս վիճակում, որի մեջ գցել էին ինձ, ես, բնականաբար, չէի կարող նման ոճով խոսել։ Ես իրավունք չունեի դրսևորել սիրալիրություն, լինել բարյացակամ։ Եվ ջանացի նորից ունկնդրել, որովհետև դատախազը սկսեց խոսել իմ հոգու մասին։

Նա ասում էր, թե պրպտել է իմ հոգին, սակայն, պարոնայք երդվյալներ, այնտեղ ոչինչ չի գտել։ Իրականում, ասում էր նա, ես չունեմ հոգի, և որ մարդկային ոչ մի բան, մարդկային հոգին պահպանող ոչ մի բարոյական սկզբունք հասանելի չէ ինձ։

― Անշուշտ,– ավելացրեց նա,– մենք չենք կարող դրա համար նախատել նրան։ Մենք չենք կարող նրան մեղադրել այն բանի համար, որ նա չունի կամ չի կարողացել հասնել։ Սակայն երբ խոսքը վերաբերում է դատավարությանը, հանդուրժողականության միանգամայն մերժելի առաքինությունը պետք է վերածվի ավելի դժվարին, բայց ավեփ վեհ՝ արդարադատության առաքինությանրը։ Հատկապես, երբ այդ մարդու մեջ հայտնաբերված հոգու դատարկությունը կարող է կործանարար անդունդ դառնալ հասարակության համար։

Եվ այդ ժամանակ նա սկսեց խոսել մորս հանդեպ ունեցած իմ վերաբերմունքի մասին։ Նա կրկնեց նախորդ ելույթներում ասածները։ Սակայն այս անգամ շատ ավելի երկար էր ճառում, քան այն ժամանակ, երբ խոսում էր իմ հանցանքի մասին, և անգամ այնքան երկարացրեց, որ վերջում ցերեկվա սաստիկ շոգից բացի ոչինչ չէի զգում։ Համենայնդեպս, այդպես էր մինչև այն պահը, երբ դատախազը կանգ առավ և փոքր-ինչ լռելուց հետո շարունակեց ավելի ցածր և շատ ավեփ զգայացունց ձայնով.

― Պարոնայք, այս նույն դատարանը վաղը քննելու է չարագործություններից ամենանողկալին՝ հայրասպանությունը։

Ըստ նրա՝ միտքն ընկրկում է նման եղկելի ոճրի առջև։ Նա համարձակվում էր հուսալ, որ մարդկային արդարադատությունն այն պատժելու էր մեծագույն խստությամբ։ Բայց չի քաշվում ասել որ այս ոճրի ներշնչած սարսափը գրեթե զիջում է այն սարսափին, որ առաջացնում է իմ անզգայունությունը։ Այսպես, ըստ նրա, մեկը, որ բարոյապես սպանել է իր մորը, իրեն մեկուսացրել մարդկային հասարակությունից, նույնն է, ինչ մյուսը, որ մարդասպանի ձեռք է բարձրացրել իրեն կյանք պարգևողի վրա։ Ամեն դեպքում, առաջինը նախապատրաստում է երկրորդի գործողությունները, որոշ առումով ազդարարում և օրինականացնում դրանք։

― Ես համոզված եմ, պարոնայք,― ավելացրեց նա՝ բարձրացնելով ձայնը,– որ դուք շատ հանդուգն չեք համարի իմ միտքը, եթե ասեմ, որ այս աթոռին նստած մարդը մեղավոր է նաև այն սպանության համար, որ դատելու ենք վաղը։ Նա պետք է պատժվի ըստ արժանվույն։

Այստեղ դատախազը սրբեց քրտինքից փայլող դեմքը։ Վերջապես նա ասաց, որ իր պարտականությունը ցավալի է, բայց այն կատարելու է հաստատակամորեն։ Նա հայտարարեց, որ ես տեղ չունեմ հասարակության մեջ, որի ամենահիմնական օրենքները չեմ ընդունում, չեմ կարող հայցել գթասրտություն, քանի որ մարդկային սրտի ամենատարրական հուզումներն օտար են ինձ։

― Ես ձեզնից այս մարդու գլուխն եմ պահանջում,– ասաց նա,– և դա անում եմ հանգիստ խղճով։ Քանզի եթե պատահել է, որ իմ երկարատև գործունեության ընթացքում ես մահապատիժ եմ պահանջել, ապա այսօրվա պես երբեք չեմ զգացել, որ այդ ծանր պարտականությունը փոխհատուցված, հաշվեկշռված և լուսավորված լինի անհրաժեշտ ու սրբազան հրամայականի գիտակցությամբ և նաև սարսափով, որով համակվում եմ այս մարդու կերպարանքին նայելիս, որի մեջ միայն հրեշ եմ տեսնում։

Դատախազը նստեց, իսկ դահփճում բավական երկար ժամանակ լռություն էր տիրում։ Ես շշմած էի շոգից ու զարմանքից։ Նախագահը հազաց և շատ ցածրաձայն հարցրեց ինձ, թե չէի՞ ուզենա որևէ բան ավելացնել։ Ես վեր կացա, որովհետև խոսելու ցանկություն ունեի, և հենց այնպես, հանպատրաստից ասացի, որ արաբին սպանելու մտադրություն չեմ ունեցել։ Նախագահն ասաց, որ դա հավաստում է, որ մինչ այդ իրեն այնքան էլ հասկանալի չի եղել իմ պաշտպանության համակարգը, և որ ուրախ կլինի փաստաբանիս լսելուց առաջ ինձ հետ ճշտել այն շարժառիթները, որոնք ներշնչել էին իմ արարքը։ Խառնելով բառերը և գիտակցելով, թե որքան ծիծաղելի եմ դառնում, ես արագ-արագ վրա տվեցի, որ դա եղել է արևի պատճառով։ Դահլիճում փռթկոցներ լսվեցին։ Փաստաբանս թոթվեց ուսերը։ Դրանից անմիջապես հետո նրան ձայնը տրվեց։ Բայց նա հայտարարեց, որ արդեն ուշ է, մինչդեռ իրեն մի քանի ժամ է անհրաժեշտ, ուստի խնդրում է իր ելույթը տեղափոխել կեսօրից հետո։ Դատարանը համաձայնեց։

Կեսօրից հետո մեծ օդափոխիչներն անդադար խառնում էին դահլիճի թանձր օդը, իսկ երդվյալների փոքրիկ, խայտաբղետ հովհարները շարժվում էին բոլորը նույն ուղղությամբ։ Փաստաբանիս պաշտպանական ճառն ինձ անվերջանլիի թվաց։ Սակայն մի պահ լարվեցի, որովհետև նա ասաց.

― Ճիշտ է, այդ ես եմ սպանել։

Հետո շարունակեց նույն ոճով, ամեն անգամ «ես» ասելով, երբ խոսքը գնում էր իմ մասին։ Չափազանց զարմացած էի։ Շրջվեցի ոստիկանի կողմը, որ իմանամ պատճառը։ Ոստիկանն ինձ հրամայեց լռել, բայց քիչ անց ավելացրեց.

― Բոլոր փաստաբաններն էլ այդպես են խոսում։

Իսկ ես մտածեցի, որ դա ևս ինձ գործից հեռացնելու ձև է, ինձ զրոյի վերածելու և որոշ իմաստով ինձ փոխարինելու ձև։ Սակայն, ըստ իս, ես արդեն շատ հեռու էի դատարանի այդ լսարանից։ Բացի այդ փաստաբանս ինձ ծիծաղելի թվաց։ Նա շատ արագ ավարտեց իր պաշտպանական մարտահրավերը և ապա կրկին խոսեց իմ հոգու մասին։ Բայց նա ինձ ավեփ անտաղանդ թվաց, քան դատախազը։

― Ես նույնպես,– ասաց նա,– փորձեցի թափանցել այս հոգու մեջ, սակայն ի տարբերություն հասարակական նախարարության երևելի ներկայացուցչի, ես գտա այնտեղ ինչ-որ բան և ընթերցեցի ինչպես բաց գիրք։

Նա այնտեղ ընթերցել էր, որ ես ազնիվ մարդ եմ, կարգին, տքնաջան աշխատավոր, նվիրված իմ հիմնարկին, սիրված բոլորի կողմից և կարեկից ուրիշի դժբախտությանը։ Նրա համար ես օրինակելի որդի էի, որն իր մորը պահել էր այնքան, որքան կարողացել էր։ Ի վերջո, ես հույս էի ունեցել, ապաստանն այդ կնոջը տալու էր այն հարմարավետությունը, որ իմ միջոցները թույլ չէին տալիս ստեղծել նրա համար։

― Զարմանում եմ, պարոնայք,– ավելացրեց նա,– որ այդքան մեծ աղմուկ բարձրացավ այդ ծերանոցի շուրջր։ Քանզի, ի վերջո, եթե հարկ կա ապացուցել նման հաստատությունների օգտակարությունն ու կարևորությունը, ապա պետք է միայն հիշել, որ պետությունն է դրանց նպաստ տալիս։

Նա չխոսեց միայն թաղման մասին, և ես զգացի, որ դա բացթողում էր նրա ճառում։ Բայց այդ երկար նախադասությունների, ինչպես նաև անվերջանայի օրերի ու ժամերի պատճառով, որոնց ընթացքում խոսվում էր իմ հոգու մասին, ես այն տպավորությունն ստացա, որ ամեն բան խառնվում է անգույն ջրում, որի մեջ պտտվում է գլուխս։

Վերջում միայն հիշում եմ, որ փաստաբանս դեռ շարունակում էր իր ճառը, իսկ փողոցից և դահլիճների ու դատարանի ամբողջ տարածքի միջով ինձ էր հասնում պաղպաղակ վաճառողի շեփորականչը։ Ես համակված էի ինձ այլևս չպատկանող կյանքի հիշողություններով, մի կյանքի, ուր ես ըմբոշխնել էի իմ ամենաաշխարհիկ և ամենաանմոռաց ուրախությունները՝ ամառային բույրերը, իմ հարազատ թաղը, երկինքը իրիկնապահին, Մարիի ծիծաղն ու հագուստները։ Այստեղ իմ արած ամեն բան անիմաստ էր և արդեն բարձրացել ու սեղմում էր կոկորդս, միայն մի բան էի ցանկանում, որ ամեն ինչ արագ վերջանա, ես վերադառնամ իմ խցիկն ու քնեմ։ Հազիվ ականջիս հասավ, թե ինչպես էր վերջում գոռում փաստաբանս, թե երդվյալները չպետք է մահվան ուղարկեն րոպեի ազդեցության տակ մոլորված ազնիվ աշխատավորին, պետք է մեղմացուցիչ հանգամանքներ գտնեն իմ հանցանքի մեջ, քանզի ես կրում եմ արդեն ամենամեծ պատիժը՝ հավիտենական զղջումը։ Դատարանը թողեց դահլիճը, իսկ փաստաբանս՝ լրիվ ուժասպառ, նստեց իր տեղը։ Գործընկերները մոտեցան ու սեղմեցին նրա ձեռքը։

― Հիասքա՜նչ էր, սիրելի՛ս,– ասում էին նրան։

Նրանցից մեկը նույնիսկ վկայակոչեց ինձ.

― Հը՞,– ասաց նա։

Ես հավաստեցի նրա ասածն իմ հաճոյախոսությամբ, որը սակայն անկեղծ չէր, որովհետև շատ էի հոգնած։

Այնինչ օրը թեքվել էր դրսում, ու մեղմացել էր տապը։ Փողոցից լսվող որոշակի ձայներից ես կռահում էի, որ ընկել է իրիկնային զովը։ Բոլորս սպասում էինք այնտեղ։ Եվ այն, ինչին միասին էինք սպասում, միայն ինձ էր վերաբերում։ Ես նորից նայեցի դահլիճին։ Ամեն ինչ նույնն էր, ինչպես առաջին օրը։ Ես հանդիպեցի մոխրագույն բաճկոնով լրագրողի և ավտոմատ կնոջ հայացքին։ Անդրադարձա, որ դատավարության ողջ ընթացքում հայացքս չէր փնտրել Մարիին։ Ես նրան չէի մոռացել, պարզապես զբաղված էի եղել։ Նրան նկատեցի Սելեստի ու Ռեյմոնի միջև։ Ինձ գլխով արեց, կարծես ուզում էր ասել. «Վերջապես»։ Ես տեսա նրա տագնապահար դեմքը, որը ժպտում էր։ Սակայն զգում էի, որ սիրտս փակ է, և անգամ չկարողացա պատասխանել նրա ժպիտին։

Դատարանը վերադարձավ։ Շատ արագ ընթերցվեց երդվյալներին ուղղված հարցերի շարքր։ Լսեցի՝ «մեղավոր է սպանության մեջ...», «կանխամտածվածություն...», «մեղմացուցիչ հանգամանքներ...»։ Երդվյալները դուրս եկան, իսկ ինձ տարան այն փոքր սենյակը, որտեղ արդեն սպասել էի։ Փաստաբանս եկավ ինձ մոտ։ Նա անվերջ շաղակրատում էր. հիմա առավել, քան երբևէ, ինձ հետ խոսում էր վստահ ու սրտաբուխ։ Նրա կարծիքով՝ ամեն բան լավ էր ավարտվելու, և ես պրծնելու էի մի քանի տարվա բանտարկությամբ կամ տաժանակրությամբ։ Ես նրան հարցրի, թե անբարենպաստ դատավճռի դեպքում կա՞ արդյոք բեկանման հնարավորություն։ Նա ասաց՝ ոչ։ Իր գործելակերպով նա ջանացել է չպարտադրել եզրակացություններ, որպեսզի երդվյալներին հակառակ չտրամադրի։ Նա ինձ բացատրեց, որ դատավճիռը չեն բեկանում հենց այնպես, առանց լուրջ պատճառի։ Դա ակնբախ էր, և նրա փաստարկները համոզեցին ինձ։ Սառնասրտորեն դատելը միանգամայն բնական էր։ Այլապես անիմաստ կլիներ զբաղվել ավելորդ գրագրությամբ։

― Ամեն դեպքում,– ասաց փաստաբանս,– կարելի է ներում հայցել։ Բայց ես համոզված եմ՝ ելքը բարեհաջող կլինի։

Մենք շատ երկար սպասեցինք, իմ կարծիքով՝ մոտ երեք քառորդ ժամ։ Հետո հնչեց զանգը։ Փաստաբանս, ինձնից բաժանվելով, ասաց.

― Երդվյալների նախագահը կարդալու է պատասխանները։ Ձեզ ներս կտանեն միայն դատավճիռը կարդալու համար։

Դռները շրխկացին։ Մարդիկ էին վազվզում սանդուղքներով, բայց հասկանալի չէր՝ մոտի՞կ էին, թե՞ հեռու։ Հետո մի խուլ ձայն լսեցի, դահլիճում ինչ-որ բան էին կարդում։ Երբ զանգը նորից հնչեց, ազդարարելով, որ բացվել է մեղադրյալների խցիկի դուռը, ինձ դիմավորեց լռությունը՝ դահլիճի լռությունը, և մի յուրօրինակ զգացում համակեց ինձ, երբ երիտասարդ լրագրողը շրջեց հայացքը։ Ես չնայեցի Մարիի կողմը։ Դրա ժամանակը չունեցա, որովհետև դատարանի նախագահը արտառոց ձևով հայտարարեց, որ ինձ գլխատելու են հրապարակում՝ հանուն ֆրանսիական ժողովրդի։ Այդ պահին ինձ թվաց, թե բոլորի դեմքերին հայտնաբերեցի նույն զգացումը՝ ակնածանքը։ Ոստիկանները շատ մեղմ էին իմ նկատմամբ։ Փաստաբանս բռնեց ձեռքս։ Դատարանի նախագահը հարցրեց, թե ոչինչ չունե՞մ ավելացնելու։ Ես մտածեցի և ասացի.

–Ոչ։

Այդ ժամանակ ինձ տարան։

V

Երրորդ անգամ ես մերժեցի ընդունել խոստովանահորը։ Նրան ասելիք չունեմ, հետը խոսելու ցանկություն չունեմ, ես նրան շատ շուտով կտեսնեմ։ Այս պահին ինձ միայն հետաքրքրում է, թե ինչպես կարելի է խույս տալ մեքենայական համակարգից, պարզել՝ հնարավո՞ր է ելք գտնել անխուսափելիից։ Բանտախուցս փոխեցին։ Այստեղից, երբ պառկում եմ, երևում է երկինքը, միմիայն երկինքը։ Օրերս անցնում են նայելով, թե ինչպես են գույները նվաղում երկնքի երեսին, և ինչպես է ցերեկը փոխակերպվում գիշերվա։ Պառկած՝ ձեռքերս դնում եմ գլխիս տակ ու սպասում։ Արդեն չգիտեմ՝ քանի անգամ եմ ինքս ինձ հարցրել, թե չկա՞ն արդյոք մահապարտի օրինակներ, որոնք կարողացել են դուրս պրծնել անողոք մեքենայից, անհետացել մահապատժից առաջ՝ կտրելով ոստիկանների կապանքները։ Հիմա ինքս ինձ հանդիմանում էի, որ բավականաչափ ուշադրություն չեմ դարձրել մահապատժի մասին եղած պատմություններին։ Միշտ պետք է հետաքրքրվել նման հարցերով։ Երբեք չես իմանա՝ ինչ կարող է պատահել։ Բոլորի նման լրագրերում ես կարդացել էի զեկույցներ։ Անշուշտ, կան հստակ աշխատություններ, որոնք, սակայն, հետաքրքրասիրությունս երբևէ չեն շարժել։ Գուցե այնտեղ պատմություններ գտած լինեի փախուստի վերաբերյալ։ Գուցե իմացած լինեի, որ գոնե մեկ անգամ անիվը կանգ է առել, որ այդ անդառնալի կանխորոշվածության մեջ պատահականությունն ու բախտը գոնե մեկ անգամ կարողացել են որևէ բան փոխել։ Մեկ անգամ։ Ինչ-որ իմաստով դա կբավարարեր ինձ։ Մնացյալը սիրտս կաներ։ Լրագրերը հաճախ են խոսում հասարակության առջև ունեցած պարտքի մասին։ Ըստ նրանց՝ պարտքը պետք է վճարել։ Սակայն սա կապ չունի երևակայության հետ։ Կարևորը փախուստի հնարավորությունն է, ցատկը անխուսափելի արարողությունից, խելացնոր վազքը, որ հավանականության հույս է ներշնչում։ Բնականաբար հույսդ այն է, որ վազելիս փողոցի անկյունում կտապալվես որևէ արձակված գնդակից։ Սակայն ամեն ինչ լավ քննելուց հետո նման շռայլությունն ինձ թվում է անհասանելի. ամեն ինչ արգելված է՝ մեխանիզմը գործում է։

Չնայած իմ պատրաստակամությանը, ես չէի կարող ընդունել նման անպատկառ իրողությունը։ Քանզի մի ծիծաղելի անհամապատասխանություն կար այդ իրողությունը հաստատող դատավճռի և նրա անվարան իրագործման միջև այն պահից սկսած, երբ դատավճիռն արձանագրվեց։ Այն փաստը, որ դատավճիռն ընթերցվեց ժամը քսանին և ոչ թե տասնհինգին, որ այն կարող էր լինել բոլորովին այլ բան, որ այն ընդունվել էր երկերեսանի մարդկանց կողմից, որ այն լիազորված էր այնպիսի թյուր հասկացությամբ, ինչպիսին է ֆրանսիական ժողովուրդը (կամ էլ գերմանացի, կամ էլ չին), այս ամենը, ինձ թվում է, մեծապես նվազեցնում է նման վճռի լրջությունը։ Այնուամենայնիվ, ստիպված էի ընդունել, որ հենց վճռի ընդունման վայրկյանից նրա ազդեցությոլնը դարձավ նույնքան ստույգ, նույնքան շոշափելի, որքան այս պատի ներկայությունը, որի երկայնքով մեկ բախվում ու ճզմվում էր մարմինս։

Այդ պահերին ես հիշում էի հորս հետ կապված մի դեպք, որ մայրս էր պատմել։ Հորս չէի տեսել։ Նրա մասին ամենաճշգրիտ տեղեկություններն այն ժամանակ մորիցս էի ստացել։ Ուրեմն, մի օր նա գնում է մի մարդասպանի մահապատիժ դիտելու։ Արդեն միտքն այդ մասին անգամ նրան նողկալի էր։ Այդուհանդերձ գնում է։ Սակայն վերադառնալով տուն՝ ամբողջ օրը փսխում է։ Հայրս այն ժամանակ ինձ ահավոր տհաճ էր թվացել։ Հիմա հասկանում եմ, որ միանգամայն բնական էր։ Ինչպե՞ս չէի գիտակցել, որ մահապատժից ավելի կարևոր բան չկա, և որ, վերջին հաշվով, դա է միակ իսկական հետաքրքիր բանը մարդու համար։ Եթե ես երբևէ դուրս գամ այստեղից, կգնամ դիտելու բոլոր մահապատիժները։ Իհարկե, սխալվում էի, երբ երազում էի նման հնարավորության մասին։ Որովհետև երբ մտածում էի, թե մի գեղեցիկ առավոտ ես ազատ կլինեմ, հեռու ոստիկանական կապանքներից, նրանց, այսպես ասած, մյուս կողմում, որ կկարողանամ հանդիսատես լինել, որ կկարողանամ տեսնել և ապա փսխել, միայն այդ մտքից թունավորված, ուրախության ալիքը փոթորկում էր սիրտս։ Դա անխոհեմություն էր։ Զուր էի տրվում նման վարկածներին, որովհետև վայրկյան չանցած ինձ համակում էր այնպիսի սարսուռ, որ կծկվում էի վերմակի տակ՝ չկարողանալով զսպել ատամներիս կափկափյունը։

Սակայն, բնականաբար, չես կարող միշտ խոհեմ լինել։ Պատահում էր, օրինակ, երբ օրենքի նախագծեր էի կազմում։ Վերափոխում էի պատժամիջոցները։ Ես հասկացա, որ էականը դատապարտյալին հնարավորություն տալն է։ Թեկուզ հազարից մեկը, դա էլ բավական է շատ բան կարգավորելու համար։ Այսպես, օրինակ, իմ կարծիքով, կարելի է գտնել քիմիական այնպիսի մի միացություն, որի ընդունումը մահացու կլինի հիվանդի համար (ըստ իս՝ լավ է հիվանդ բառը) և կսպանի տասից իննին։ Հիվանդը պետք է տեղյակ լինի այդ ամենին՝ պայմանն այդպիսին է։ Որովհետև լավ մտածելուց և հանգիստ կշռադատելուց հետո ես համոզվեցի, որ գլխատման տապարի թերությունն այն է, որ նա ոչ մի հնարավորություն չի թողնում, բացարձակապես՝ ոչ մի։ Հիվանդի վախճանը վճռված է մեկընդմիշտ և վերջնականապես։ Դա ավարտուն գործ է, կատարյալ հնարանք, անբեկանելի համաձայնագիր, որին անդրադառնալու հարկ չկա։ Եթե բացառության կարգով հարվածը վրիպի, նորից կկրկնեն։ Հետևաբար, որքան էլ տհաճ լինի, մահապարտը պետք է երազի, որ մեքենան լավ աշխատի, ես սա նշում եմ որպես թերություն։ Ինչ-որ իմաստով դա ճիշտ է։ Մյուս կողմից ստիպված էի ընդունել, որ հենց այստեղ էր լավ կազմակերպվածության գաղտնիքը։ Վերջին հաշվով մահապարտը ստիպված է համագործակցել բարոյապես՝ իր շահից ելնելով, որպեսզի ամեն ինչ անխափան ընթանա։

Ստիպված էի նաև ընդունել, որ մինչ այդ նման հարցերի վերաբերյալ իմ ունեցած պատկերացումները ճիշտ չէին եղել։ Երկար ժամանակ կարծում էի, թե գլխատվելու համար պետք է բարձրանալ կառափնարան, մագլցել աստիճաններով։ Կարծում եմ՝ պատճառը 1789 թվականի հեղափոխությունն էր, ուզում եմ ասել, այն ամենը, ինչ ցույց էին տվել մեզ կամ ուսուցանել այդ հարցերի վերաբերյալ։ Բայց մի առավոտ մտաբերեցի մի լուսանկար, որ տպագրվել էր լրագրերում ինչ-որ աղմկահարույց մահապատժի շուրջ։ Իրականում մեքենան դրված էր գետնին՝ աշխարհի նույն, ամենասովորական գետնին։ Եվ շատ ավելի նեղ էր, քան կարծում էի։ Բավական տարօրինակ էր, որ ավեփ շուտ չէի նկատել։ Լուսանկարի մեքենան ինձ ապշեցրեց իր ճշգրտությամբ ու կատարելությամբ. ինչպիսի՝ փայլուն ստեղծագործություն։ Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին։ Ստիպված էի վավերացնել, որ ընդհակառակը, ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ մեքենան նույն բարձրության վրա է, ինչ դեպի այն ընթացող մարդը։ Նա մոտենում է մեքենային, ինչպես գնում են որևէ մեկին հանդիպելու։ Դա նույնպես տհաճ է։ Կառափնարան բարձրանալը, վերելքը դեպի բաց երկինք կկարողանար շարժել երևակայությունդ։ Մինչդեռ այստեղ ևս մեխանիզմը ճզմում է ամեն ինչ. սպանում են համեստորեն, ամոթխածորեն և մեծագույն ճշգրտությամբ։

Երկու բան էլ էին ինձ անհանգստացնում անվերջ՝ լուսաբացն ու իմ ներման հայցագիրը։ Սակայն ես ջանում էի չմտածել այդ մասին, պառկում էի, նայում երկնքին՝ ճգնելով այնտեղ հետաքրքրություն գտնել ինձ համար։ Եթե կանաչավուն էր դառնում, ուրեմն երեկո էր։ Մտքերիս ընթացքը չշեղելու համար ես մեկ այլ ճիգ էլ էի գործադրում՝ ականջ դնում սրտիս զարկերին։ Անկարող էի պատկերացնել, որ այդ բաբախյունը, որն այդքան ժամանակ ուղեկցել էր ինձ, կարող էր երբևէ դադարել։ Երբեք չեմ ունեցել վառ երևակայություն։ Այսուհանդերձ, մի պահ ջանում էի պատկերացնել որ սրտիս այդ տրոփյունը դադարելու է գլխումս։ Սակայն զուր էր. կամ լուսաբացն էր հայտնվում իմ առջև, կամ իմ ներման հայցագիրը։ Վերջապես հասկացա, որ չպետք է բռնանալ ինքդ քեզ վրա։

Լուսաբացին էին գալիս, ես դա գիտեի։ Եվ ի վերջո, բոլոր գիշերներս անցկացրի այդ լուսաբացին սպասելով։ Երբեք չեմ սիրել անակնկալի գալ։ Եթե ինձ հետ որևէ բան է կատարվելու, կնախընտրեմ պատրաստ լինել։ Դրա համար էլ հետզհետե սկսեցի ավելի քիչ քնել։ Քնում էի միայն ցերեկը, իսկ գիշերը համբերատար սպասում էի՝ երբ էր լույսը բացվելու երկնքի պատուհանի վրա։ Ամենադժվարը այն կասկածելի ժամն էր, երբ սովորաբար, ինչպես գիտեի, նրանք գործի էին անցնում։ Կեսգիշերից սկսած դարանակալում ու սպասում էի։ Դեռ երբեք ականջս չէր որսացել այդքան շատ ձայներ, չէր տարբերել այդքան նրբերանգ հնչյուններ։ Իմիջիայլոց, կարելի է ասել որ ինչ-որ իմաստով բախտս բերեց, որովհետև ոչ մի ոտնաձայն չլսեցի այդ ընթացքում։ Մայրս հաճախ էր սիրում կրկնել որ բացարձակ դժբախտ չեն լինում։ Ես դա զգում էի բանտում, երբ երկինքը գունավորվում էր, և նորրնծա օրը թափանցում էր խցիկս։ Բայց նույն հաջողությամբ կարող էր պատահել որ ես ոտնաձայներ լսեի, դրանից սիրտս կճաքեր։ Նույնիսկ, երբ ամենաչնչին աղմուկից նետվում էի դեպի դուռը, նույնիսկ, երբ ականջս տախտակին կպցրած, սպասում էի խելակորույս, այն աստիճան, որ լսում էի սեփական շնչառությունս և սարսափահար պարզում, որ այն խռպոտ է և շան խռխռոցի պես հևասպառ, այսուհանդերձ սիրտս չէր պայթում, և, ի վերջո, շահում էի քսանչորս ժամ։

Ամբողջ օրը մտածում էի իմ ներման հայցագրի մասին։ Ըստ իս, ես մեծ օգուտ քաղեցի այդ մտորումներից։ Հաշվում էի արդյունքում ունեցածս և իմ խորհրդածություններից ստանում լավագույն փոխհատուցումը։ Միշտ ընտրում էի վատթարագույն վարկածը. հայցագիրս մերժված է։ «Դե, լավ, ուրեմն մեռնելու եմ»։ Պարզ է, մյուսներից ավելի շուտ։ Սակայն բոլորը գիտեն, որ կյանքը չարժի, որ նրա համար տանջվես։ Ըստ էության, ես հասկանում էի, որ մեծ չէ տարբերությունը՝ երեսուն տարեկանում ես մեռնում, թե՝ յոթանասուն, քանի որ, բնականաբար, երկու դեպքում էլ ուրիշ տղամարդիկ ու կանայք կապրեն, և այդպես հազարավոր տարիներ շարունակ։ Ի վերջո, դրանից ավելի պարզ բան չկա։ Միենույն է՝ մեռնելու եմ, հիմա կամ քսան տարի հետո։ Այս դատողություններիս ընթացքում ահավոր նեղվում էի այն տագնապից, երբ մտածում էի գալիք քսան տարիների հնարավոր կյանքի մասին։ Սակայն ինձ մնում էր միայն խեղդել մտքերս, պատկերացնելով, թե ինչպիսին կլինեն դրանք քսան տարի հետո, եթե, այնուամենայնիվ, հասնեմ այնտեղ։ Ակնբախն այն է, որ մեռնելու ես, իսկ թե՝ երբ և ինչպես, կարևոր չէ։ Ուրեմն (դժվարն այն է, որ որևէ բան աչքիցդ չվրիպի դատողությունների ամբողջությունից, որ ներկայացնում է այս «ուրեմն»–ը), ուրեմն ես պետք է ընդունեմ, որ իմ ներման հայցագիրը մերժված է։

Այդ ժամանակ, միայն այդ ժամանակ ես, այսպես ասած, իրավունք նվաճեցի որոշ չափով ինձ թույլ տալ քննարկելու երկրորդ վարկածը, ինձ ներում են շնորհել։ Ամենատհաճն այն էր, որ ստիպված էի մեղմել միս ու արյանս մոլեգին խոյանքը, որ անիմաստ հրճվանքով կսկծացնում էր աչքերս։ Ես պետք է ջանայի նվազեցնել, ողջախոհ դարձնել այդ ճիչը։ Ես պետք է բնական լինեի անգամ այս վարկածի դեպքում, որպեսզի ավեփ ընդունելի դարձնեի իմ համակերպվածությունը առաջին վարկածին։ Երբ դա հաջողվում էր ինձ, ես վայելում էի մեկժամյա հանգիստ։ Իսկ դա, այնուամենայնիվ, քիչ չէր։

Հենց նման մի պահի ես մեկ անգամ ևս հրաժարվեցի ընդունել խոստովանահորը։ Մեկնված՝ նայում էի շիկաթույր երկնքին և գուշակում, որ ամառային երեկոն իջնում է։ Հենց նոր ես մերժեցի իմ ներման հայցագիրը և զգում եմ իմ մեջ հոսող արյան կանոնավոր շրջանառությունը։ Քահանայի կարիք չունեի։ Առաջին անգամ այսքան ժամանակից ի վեր մտաբերեցի Մարիին։ Վաղուց նա այլևս չէր գրում ինձ։ Այդ երեկո ես մտածում էի և եկա այն եզրակացության, որ նա թերևս հոգնել է մահապարտի սիրուհի լինելուց։ Մտածեցի նաև, որ հիվանդ է կամ գուցե մեռած։ Հնարավոր է։ Բայց ինչ իմանայի, չէ՞ որ այժմ արդեն բաժանված մեր երկու մարմիններից դուրս ոչինչ չէր կապում մեզ և չէր հիշեցնում միմյանց։ Ասենք, այդ պահից սկսած իմ հիշողությունն անտարբեր դարձավ նրա նկատմամբ։ Եթե մեռած էր, ինձ այլևս չէր հետաքրքրում։ Ես դա բնական էի համարում, ինչպես նաև հիանալի հասկանում, որ մահիցս հետո մարդիկ կմոռանային ինձ։ Նրանք այլևս անելիք չեն ունենա ինձ հետ։ Նույնիսկ չեմ կարող ասել, թե այդ միտքը տանջում էր ինձ։ Ըստ էության, չկա այնպիսի միտք, որին չկարողանաս վարժվել։

Ճիշտ այդ պահին ներս մտավ քահանան։ Նրան տեսնելով՝ ես ցնցվեցի։ Նա նկատեց և ասաց, որ չվախենամ։ Ասացի, որ սովորաբար նա ուրիշ ժամի է գալիս։ Պատասխանեց, որ իր այցը բարեկամական է և ոչ մի կապ չունի հայցագրիս հետ, որին ինքն անտեղյակ է։ Նստեց թախտիս ծայրին և ինձ էլ հրավիրեց տեղավորվել կողքին։ Հրաժարվեցի։ Մի պահ նստած մնաց, գլխահակ՝ նայելով ծնկներին դրած ձեռքերին, որոնք նուրբ էին, մկանուտ և նման երկու չարաճճի գազանիկի։ Նա դանդաղ իրար էր քսում ձեռքերը։ Հետո այսպես գլխահակ այնքան երկար մնաց, որ մի պահ մոռացել էի նրա մասին։

Բայց հանկարծ կտրուկ բարձրացրեց գլուխն ու նայեց ինձ.

― Ինչո՞ւ եք մերժում իմ այցելությունները։

Պատասխանեցի, որ չեմ հավատում Աստծուն։ Ցանկացավ պարզել, թե վստա՞հ եմ արդյոք։ Ասացի, որ չեմ ուզում ինձ ստուգել, և որ իմ կարծիքով այդ հարցը ոչ մի կարևորություն չունի։ Այդ ժամանակ նա ետ ընկավ, հենվեց պատին ու ձեռքերը հենեց ազդրերին։ Եվ այնպիսի կեցվածքով, որ ասես ինձ չէր դիմում, ասաց, որ երբեմն մենք մեզ վստահ ենք կարծում, այնինչ իրականում այդպիսին չենք։ Ոչինչ չպատասխանեցի։ Նայեց ինձ ու հարցրեց.

― Ի՞նչ կարծիքի եք։

Ասացի, որ հնարավոր է։ Համենայնդեպս, եթե վստահ չէի, թե ինչն էր ինձ հետաքրքրում, ապա միանգամայն վստահ էի՝ ինչն ինձ չէր հետաքրքրում։ Եվ հենց այն, ինչի մասին խոսում էր նա, ինձ չէր հետաքրքրում։

Նա շրջեց հայացքը և, չփոխելով կեցվածքը, հարցրեց, թե արդյոք ծայրահեղ հուսահատությունից չէ՞, որ այդպես եմ խոսում։ Ես նրան բացատրեցի, որ հուսահատված չեմ, այլ միայն վախենում եմ. մի բան, որ շատ բնական է։

― Աստված կօգնի ձեզ։ Բոլոր ձեզ նմանները, որոնց ճանաչել եմ, դիմել են նրան։

Ասացի, որ դա նրանց իրավունքն է։ Դա նաև ապացուցում է, որ նրանք ժամանակ ունեին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ ուզում, որ ինձ օգնեն, և որ, իրոք, ժամանակն ինձ չի բավականացնում, որպեսզի հետաքրքրվեմ այն բանով, որն ինձ չի հետաքրքրում։

Այդ պահին նրա ձեռքերը նյարդայնացած մի շարժում արեցին, բայց նա կրկին ձգվեց և ուղղեց փարաջայի ծալերը։ Երբ վերջացրեց, դիմեց ինձ՝ կոչելով «բարեկամս», ինձ հետ այդպես էր խոսում ոչ այն պատճառով, որ ես մահվան էի դատապարտված, այլ որովհետև իր կարծիքով մենք բոլորս էլ մահապարտներ ենք։ Այստեղ ես ընդհատեցի նրան, ասելով, որ դա միևնույն բանը չէ, և հետևաբար չի կարող մխիթարանք լինել։

― Իհարկե,– հաստատեց նա։ ― Բայց, եթե դուք չմեռնեք այսօր, կմեռնեք ավելի ուշ։ Նույն խնդիրն այն ժամանակ կծառանա ձեր առջև։ Ինչպե՞ս պիտի դիմակայեք այդ սոսկալի փորձությանը։

Ես պատասխանեցի.

― Կդիմակայեմ ճիշտ այնպես, ինչպես այս պահին։

Այս խոսքիս վրա նա վեր կացավ ու նայեց ուղիղ աչքերիս մեջ։ Ես լավ ծանոթ էի այդ խաղին։ Այդպես հաճախ էի զվարճանում էմանուելի կամ Սելեստի հետ, և մեծ մասամբ նրանք էին առաջինը աչքերը փախցնում։ Քահանան էլ լավ գիտեր այդ խաղը. նրա հայացքը մնաց անսասան։ Եվ ձայնն էլ չդողաց, երբ հարցրեց ինձ.

― Ուրեմն ոչ մի հույս չունե՞ք։ Ուրեմն ապրում եք այն գիտակցությամբ, որ մեռնելո՞ւ եք ամբողջովին։

― Այո,– պատասխանեցի ես։

Այդ ժամանակ նա գլուխը խոնարհեց և նորից նստեց։ Ասաց, որ խղճում է ինձ։ Իր կարծիքով՝ դա անտանելի էր, անհնարին՝ մարդու համար։ Իսկ ես միայն մի բան էի զգում, այդ մարդը սկսում էր ձանձրացնել ինձ։ Ես էլ իմ հերթին շրջվեցի ու մոտեցա լուսանցույցին։ Ուսով հենվեցի պատին։ Լավ չէի հետևում նրան, բայց լսեցի, որ վերսկսում էր իր հարցաքննությունը։ Խոսում էր տագնապալի և փութկոտ ձայնով։ Հասկացա, որ հուզված է, և սկսեցի ավելի ուշադիր լսել։

Նա հավաստիացնում էր, որ ներման հայցագիրս ընդունված կլինի, սակայն ես կրում եմ մեղքի բեռը, որից պետք է ազատվել։ Ըստ նրա՝ մարդկային արդարադատությունը ոչինչ է, իսկ Աստծո դատաստանը՝ ամեն ինչ։ Նկատեցի, որ հենց այդ առաջինը ինձ դատապարտեց մահվան։ Նա պատասխանեց, որ այդքանով չի լվացվում իմ մեղքը։ Ես ասացի, որ չգիտեմ, թե ինչ է մեղքը։ Ինձ միայն հայտնել են, որ ես մեղավոր եմ։ Մեղավոր եմ և հատուցում եմ. ավելին ինձնից չեն կարող պահանջել։ Այդ պահին նա դարձյալ վեր կացավ, և ես մտածեցի, որ այս նեղլիկ խցիկում շարժվելու ընտրություն չունես, կամ պիտի նստես, կամ՝ կանգնես։

Աչքերս հառել էի գետնին։ Նա մի քայլ արեց դեպի ինձ ու կանգնեց, ասես չէր համարձակվում առաջանալ։ Ճաղերի արանքից նայում էր երկնքին։

― Սխալվում եք, որդիս,– ասաց ինձ,– ձեզնից կարող էին ավելին պահանջել։ Եվ գուցե դեռ պահանջեն։

― Բայց ի՞նչ։

― Կարող էին պահանջել տեսնել։

― Ի՞նչ տեսնել։

Քահանան նայեց շուրջը և պատասխանեց շատ հոգնած ձայնով.

― Այս բոլոր քարերից ցավ է կաթում, գիտեմ։ Դրանց երբեք չեմ կարող նայել առանց հուզմունքի։ Բայց սրտիս խորքում համոզված եմ, որ ձեր մեջ ամենաթշվառներն անգամ տեսնում են Աստծո դեմքը, որն հառնում է իրենց հոգու խավարից։ Հենց այդ դեմքը դուք պիտի տեսնեք։

Ես մի քիչ աշխուժացա։ Ասացի, որ արդեն ամիսներ շարունակ նայում եմ այս պատերին։ Ոչինչ և ոչ ոք այս պատերից ավեփ ծանոթ չեն ինձ։ Գուցե ինչ-որ մի ժամանակ, շատ վաղուց փնտրել, գտել էի մի դեմք։ Բայց այդ դեմքը արևագույն էր, լի ցանկության բույրով, դա Մարիի դեմքն էր։ Բայց զուր էի փնտրում։ Այժմ արդեն վերջ։ Համենայնդեպս, ոչինչ չեմ տեսել, որ հառնի այս քրտնաթոր քարերից։

Քահանան ինձ նայեց մի տեսակ թախծով։ Այժմ արդեն ողջ մարմնով հենված էի պատին, ու լույսն ընկել էր ճակատիս։ Նա ինչ-որ բաներ ասաց, որ ես չլսեցի, և շատ արագ վրա բերեց, թե թույլ կտա՞մ, որ ինձ համբուրի։

― Ոչ,– պատասխանեցի ես։

Նա շրջվեց, քայլերն ուղղեց դեպի պատը, ապա պատի վրայով դանդաղ սահեցրեց մատը։

― Ուրեմն այդքան սիրում եք այս աշխարհը,– կամացուկ հարցրեց ինձ։

Ես ոչինչ չպատասխանեցի։

Բավական երկար ժամանակ մնաց այդպես շրջված։ Նրա ներկայությունը ճնշում, գրգռում էր ինձ։ Արդեն ուզում էի ասել, որ հեռանա, որ հանգիստ թողնի ինձ, երբ կտրուկ շրջվեց ու բացականչեց մի տեսակ պոռթկումով.

― Ոչ, ես չեմ կարող ձեզ հավատալ։ Վստահ եմ, որ երբևէ երազել եք մեկ ուրիշ կյանքի մասին։

Ես պատասխանեցի, որ բնականաբար ունեցել եմ նման երազանք, սակայն այդ երազանքը նույնքան անիմաստ է, որքան հարստանալու, արագ լողալու կամ կատարյալ շրթունքներ ունենալու երազանքը։ Դրանք նույն կարգի ցանկություններ են։ Բայց նա ինձ ընդհատեց և հարցրեց, թե ինչպես եմ պատկերացնում մյուս կյանքը։ Այդ ժամանակ ես գոռացի.

― Մի կյանք, որն ինձ հիշեցներ այս կյանքը։

Եվ անմիջապես ասացի, որ այլևս բավական է։ Նա դեռ էլի էր ուզում խոսել Աստծո մասին, բայց ես կտրուկ մոտեցա նրան և փորձեցի մի վերջին անգամ բացատրել, որ ինձ շատ քիչ ժամանակ է մնացել, և ես չէի ուզենա այն վատնել Աստծո վրա։ Նա փորձեց փոխել խոսակցության նյութը, հարցնելով, թե ինչու եմ իրեն «պարոն» անվանում և ոչ թե «հայր իմ»։ Ես նյարդայնացա և ասացի, որ ինքն իմ հայրը չէ, և որ ինքն ուրիշների հետ է։

― Ոչ, որդիս,– ասաց նա՝ ձեռքը դնելով ուսիս,– ես ձեզ հետ եմ։ Բայց դուք չեք կարող դա իմանալ, քանզի ձեր սիրտը կույր է։ Ես կաղոթեմ ձեզ համար։

Այդ ժամանակ, չգիտես ինչու, մեջս մի բան պայթեց։ Սկսեցի գոռալ կոկորդովս մեկ, հայհոյել, ասացի, որ չաղոթի ինձ համար։ Բռնեցի փարաջայի օձիքից և նրա վրա թափեցի սրտումս կուտակված ամբողջ մաղձը՝ թռչկոտելով զայրույթախառն ուրախությունից։ Նա շատ վճռակա՞ն է, ինքնավստա՞հ։ Սակայն նրա համոզմունքներից ոչ մեկը չարժի կնոջ մի մազն անգամ։ Նա նույնիսկ համոզված չէ, թե ապրում է, քանի որ ապրում է իբրև մեռյալ։ Իսկ ես, թվում է, ձեռնունայն եմ։ Սակայն ես վստահ եմ ինձ, վստահ ամեն ինչում, ավեփ վստահ, քան ինքը, վստահ իմ կյանքի և մոտալուտ մահվանս համար։ Այո, ինձ միայն դա է մնում։ Բայց գոնե այս ճշմարտությունը պահում եմ այնքան, որքան նա է ինձ պահում։ Ես իրավացի եմ եղել, դեռ իրավացի եմ և միշտ իրավացի կլինեմ։ Ես այսպե՛ս եմ ապրել, բայց կարող էի ա՛յլ կերպ ապրել։ Ես ա՛յս եմ արել և ա՛յն չեմ արել։ Այն ժամանակ ես չեմ արել ա՛յդ բանը, մինչդեռ արել եմ մեկ ուրի՛շ բան։ Եվ ի՞նչ։ Ասես ամբողջ կյանքս ես սպասել եմ այս բացվող արշալույսին, երբ արդարացված կլինեմ։ Ոչ մի բան, ոչինչ նշանակություն չունի, և ես գիտեմ՝ ինչու։ Նա էլ գիտի՝ ինչու։ Իմ ապրած ամբողջ անհեթեթ կյանքի, ապագայի խորքերից մի անորոշ շունչ էր բարձրանում իմ մեջ դեռ չապրածս տարիների միջով, և այդ շունչն իր ճանապարհին հարթում, անէացնում էր ամեն ինչ, որ առաջարկվում էր ինձ իմ չապրած տարիների ընթացքում, որոնք նույնքան անիրական էին, որքան իմ ապրած տարիները։ Ինձ ի՜նչ փույթ ուրիշների մահը, մայրական սերը, ի՜նչ կարևոր է նրա Աստվածը, նրանց ապրած ապրելաձևը, ճակատագրերը, որ ընտրում են, քանզի միայն մեկ ճակատագիր է ինձ ընտրելու և ինձ հետ էլ միլիարդավոր արտոնյալների, որոնք նրա նման եղբայրներ կհորջորջվեն ինձ համար։ Հասկանո՞ւմ էր նա վերջապես։ Բոլորն արտոնյալներ են։ Կան միայն արտոնյալներ։ Մի օր, սակայն, նրանց էլ կդատապարտեն։ Կդատապարտեն նաև նրան։ Ի՜նչ կարևոր է, թե կմեղադրվի որպես մարդասպան և կգլխատվի, որովհետև չի լացել մոր թաղման ժամանակ։ Սալամանոյի շունը նույն արժեքն ուներ, ինչ նրա կինը։ Փոքրիկ ավտոմատ կինը նույնքան մեղապարտ էր, որքան փարիզուհին, որի հետ ամուսնացել էր Մասոնը, կամ Մարին, որն ուզում էր ամուսնանալ ինձ հետ։ Ի՜նչ կարևոր է, թե Ռեյմոնն ինձ համար դարձավ նույնպիսի ընկեր, ինչ Սելեստը, թեպետ Սելեստը շատ ավելի լավն էր նրանից։ Ի՜նչ փույթ, թե Մարին իր շուրթերն այսօր հրամցնում է մեկ ուրիշ Մյորսոյի։ Ուրեմն, հասկանո՞ւմ է այդ դատապարտյալը, որ իմ ապագայի խորքերից... Այնպես էի բղավում, որ շնչահեղձ էի լինում։ Բայց հսկիչները քահանային արդեն պոկել էին ձեռքերիցս և սաստում էին ինձ սպառնալիքներով։ Քահանան, սակայն, հանգստացրեց նրանց։ Մի պահ լուռ նայում էր ինձ։ Աչքերը լի էին արցունքներով։ Շրջվեց ու անհետացավ։

Հենց գնաց, ես կրկին խաղաղվեցի։ Լրիվ ուժասպառ՝ նետվեցի թախտին։ Երևի քնել էի, որովհետև երբ արթնացա, դեմքիս զգացի աստղերի արտացոլանքը։ Դաշտերից շշուկներ էին հասնում ինձ։ Գիշերվա, հողի և աղի բույրերը թարմություն էին ներարկում քունքերիս։ Այդ քնած ամառվա հիասքանչ անդորրն իմ մեջ էր թափանցում մակընթացության ալիքի նման։ Հանկարծ մութուլույսի սահմանագծում ոռնացին շոգենավերի շչակներր։ Նրանք ազդարարում էին մեկնումը դեպի մեկ ուրիշ աշխարհ, որի նկատմամբ այժմ և հավիտյանս անտարբեր էի ես։ Առաջին անգամ երկար ժամանակից ի վեր հիշեցի մորս։ Ինձ թվաց՝ հասկացա, թե կյանքի վերջում ինչու էր նա «նշանած» ընտրել իր համար, ինչու էր ձևացրել, թե ամեն ինչ վերսկսվում է։ Այնտեղ, այնտեղ նույնպես, այդ ծերանոցի շուրջը, որտեղ կյանքեր էին հանգչում, երեկոն ասես մի դադար է մելամաղձոտ։ Մահվանն այդքան մոտ կանգնած՝ մայրս երևի իրեն ազատագրված էր զգում, պատրաստ վերապրելու ամեն բան։ Ոչ ոք, ոչ ոք իրավունք չուներ լացելու նրա վրա։ Այժմ ես նույնպես ինձ պատրաստ էի զգում վերապրելու ամեն բան։ Ասես այդ բուռն զայրույթն ինձ մաքրել էր չարից, ազատագրել հույսից՝ նշաններով ու աստղերով լեցուն երկնքի դիմաց, առաջին անգամ ես բացվում էի աշխարհի քնքուշ անտարբերության առջև։ Զգալով՝ որքան նման էր նա ինձ, եղբոր պես հարազատ, ես գիտակցեցի, որ երջանիկ եմ եղել և դեռ այդպիսին եմ։ Եվ որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի, որպեսզի նվազ միայնակ զգամ, մնում է միայն ցանկանալ, որ մահապատժիս օրը շատ հանդիսականներ լինեն, և որ բոլորն ինձ դիմավորեն ատելության ճիչերով։