«Դավիթ Կոպպերֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(ԺԶ․ գլուխ)
(ԺԷ․ գլուխ)
Տող 9670. Տող 9670.
  
 
Շա՜տ լավ։ Ես սիրում էի նրան ու շարունակեցի անհուն սիրով, հոգուս ամբողջ զորությամբ սիրել։ Շարունակեցի և՛ աշխատել, և՛ փութաջան, անդուլ, անխոնջ եռանդով երկաթներս կռել֊կոփել։ Բայց և այնպես երբեմն֊երբեմն, երեկոյան տատիս առջև լուռ նստած, հիշում էի Դորայի այն գիշերվա սոսկումը և մտածում, թե ինչպե՞ս պիտի կիթառը ձեռքիս ճանապարհ կտրեմ թանձրախիտ արգելքների անտառի միջով, և այս բանի վրա մտմտալիս ինձ թվում էր, թե մազերս սկսում են սպիտակել։
 
Շա՜տ լավ։ Ես սիրում էի նրան ու շարունակեցի անհուն սիրով, հոգուս ամբողջ զորությամբ սիրել։ Շարունակեցի և՛ աշխատել, և՛ փութաջան, անդուլ, անխոնջ եռանդով երկաթներս կռել֊կոփել։ Բայց և այնպես երբեմն֊երբեմն, երեկոյան տատիս առջև լուռ նստած, հիշում էի Դորայի այն գիշերվա սոսկումը և մտածում, թե ինչպե՞ս պիտի կիթառը ձեռքիս ճանապարհ կտրեմ թանձրախիտ արգելքների անտառի միջով, և այս բանի վրա մտմտալիս ինձ թվում էր, թե մազերս սկսում են սպիտակել։
 +
 +
 +
==ԺԸ․ գլուխ==
 +
 +
Ընկերության լուծվելը
 +
 +
 +
Ես չթողի, որ Պառլամենտի պայքարների վերաբերյալ որոշումս սառչի։ Դա էր այն երկաթը, որ ամենից առաջ սկսեցի ծեծել և ծեծել այնպիսի եռանդով, որ իրավամբ ինքս էլ կարող էի զարմանալ։ Ես գնեցի սղագրության ազնիվ արվեստի մի անվանի դասագիրք (վճարելով տասը շիլինգ ու վեց պենս) և սուզվեցի դրա խրթին կնճիռների ծովի մեջ, որի ալիքները խելագարության ափին հասցրին ինձ։ Կետերի պես֊պես փոփոխությունը, որոնք մի կերպ գրվելով այսինչ բանն են նշանակում, ուրիշ կերպ գրվելով՝ մի ուրիշ և բոլորովին հակառակ բան, շրջանների ու պարույրների հազար տեսակ ձևերը, մի ճանճի թաթիկի չափ չնչին գծից առաջ եկող անսպասելի իմաստները, մի ծուռ քաշված ոլորակի սարսափելի հետևանքը, մի քիչ բութ կամ սուր շեշտի զարհուրելի ազդեցությունը՝ այդ բոլորը շփոթում էր, հալածում էր ինձ և ես ոչ միայն արթուն ժամանակ, այլև քնիս մեջ հոգուս հանգիստը վրդովում։ Երբ դեսուդեն խարխափելով այդ արգելքների խառնուրդի մեջ մի որևէ շավիղ էի կտրում ու փոքր ի շատե ընտելանում այբուբենին, որ արդեն ինքնըստինքյան մի եգիպտական մեհյան էր, նոր արհավիրքի թափոր էր բացվում իմ առջև՝ կամայական նշանների թափորը։ Այդ նշանների պես բռնակալ բան ես օրումս չէի տեսել․ պահանջում էին, օրինակի համար, որ սարդի ոստյանի նմանություն ունեցող մի նուրբ ձև ակնկալեք նշանակի, և հռոմեական կերոնի նման նկարը՝ վնասակար բառի հոմանիշ լինի։ Հենց որ այդ դիվային նշանները դրոշմում էի մտքիս մեջ, տեսնում էի, որ դրանք գլխիս միջից դուրս են քշել արդեն առաջ սովորածներս, և երբ սկսում էի հները որոնել ու հավաքել, նորերն էի մոռանում, սիստեմի այսինչ մասնիկը գտնելիս՝ մյուսներն էի կորցնում, մի խոսքով՝ կարելի էր գժվել այս բոլորից։
 +
 +
Եվ անշուշտ կգժվեի, եթե Դորան չլիներ, Դորա՜ն, իմ նավակի միակ խարիսխն այս ալետանջ ծովի մեջ։ Սիտեմի յուրաքանչյուր փշիկը մի հաստաբուն կաղնի էր դժվարությունների անտառում, որ պետք էր տապալել, և ես մեկը մյուսի հետևից ջախջախեցի նրանց այնպիսի ուժով, որ արդեն երեք֊չորս ամսից հետո կարողացա մեր Համայնքի մի ճարտար հռետորի վրա փորձ անել։ Արդյոք երբևիցե կմոռանա՞մ, թե ինչպես այդ ճարտասանը իր բերանը բանալուն պես նետի նման առաջ սլացավ, մինդեռ ես դեռ մի խազ անգամ չէի գծել, և մատիտս վերնոտի նման թղթի վրա ոստոստելով ետ մնաց․․․
 +
 +
Պարզ էր, որ բանս վատ է։ Շատ բարձր էի թռել․ պետք էր փոքր֊ինչ ցած իջնել։ Դիմեցի Տրեդլսի խորհրդին, և նա առաջարկեց կամաց֊կամաց թելադրել ինձ ճառերը, ստեպ֊ստեպ կանգ առնելով, ինչպես որ պահանջում էր իմ չիմանալը։ Այս սիրալիր օգնությունը շնորհակալությամբ ընդունեցի և այնուհետև երկար ժամանակ ու համարյա թե ամեն գիշեր․ հենց որ դոկտոր Ստրոնգի գրասենյակից ետ էի գալիս՝ մի մասնավոր պառլամենտի նման բան էինք սարքում Բուկինհեմի փողոցում։
 +
 +
Կցանկանայի որևէ տեղ մի ուրիշ այդպիսի պառլամենտ տեսնել։ Տատս ու մր․ Դիկը, հանգամանքներին նայելով, մերթ կառավարությունն էին ներկայացնում, մերթ ընդդիմադիր կուսակցությունը, իսկ Տրեդլսը, Էնֆիլդի  «Ատենաբանով» կամ թե պառլամենտի պայքարների որևէ հատորով զինված՝ որոտալից պարսավ էր շանթում նրանց դեմ։ Սովորաբար Տրեդլսը՝ մի սեղանի մոտ կանգանած, ձախ ձեռքը գրքին դրած, որպեսզի էջը չկորցնի, և աջը գլխի առջև ճոճելով, ինչպես մի նորհայատ Պիտ, Ֆոքս, Շերիդան, Բեորկ, լորդ Կեստլրի, կոմս Սիդմաութ և կամ Քեննինգ, մր․ Դիկին ու տատիս չարաչար հարվածում էր անօրենության ու կաշառակերության ոճիրների համար, իսկ ես, նրա սեղանից փոքր֊ինչ հեռու, հուշատետրն առջևս բռնած՝ ամբողջ ջանքովս ճիգ էի թափում ետ չմնալ նրանից։ Մտքերի անհաստատության ու թեթևության կողմից ոչ մի եվրոպական քաղաքագետ չէր կարող գերազանցել Տրեդլսին։ Մի շաբաթվա ընթացքում նա ամեն տեսակ իրար ընդդեմ քաղաքական ուղղություններ ընդունեց և ամեն գույնի դրոշակ պարզեց։ Տատս, մի կանցլերի պես անշարժ, նրան մեկ֊մեկ ընդհատում էր․ «Շա՛տ լավ, շա՛տ լավ» կամ թե «Ո՛չ, ո՛չ» և կամ թե «Օ՜հ, օհ» գոչյուններով, և մր․Դիկը, իբրև մի բուն գավառացի ջենտլմեն, անմիջապես միևնույնը կրկնում էր հրճվանքով։ Սակակյն մր․ Դիկն իր պառլամենտական ասպարեզի ընթացքում այնպիսի ահեղ ոճիրների մեջ ամբաստանվեց, այնպես խիստ մեղադրանքներ լսեց, որ հետզհետե սկսեց դողալ ու կարծեմ վերջ ի վերջո հավատաց, թե ինքն իրոք Մեծ Բրիտանիայի սահմանադրության կործանում ու պետության քայքայում սպառնացող մի չար բան արած չլիներ։
 +
 +
Շատ անգամ այս պայքարները մինչև կես֊գիշեր էինք շարունակում, մինչև իսկ ճրագների բոլորովին այրվելը։ Մեր ջանքերի հետևանքն այն եղավ, որ ես սկսեցի համարյա թե Տրեդլսի հետ հավասար ընթանալ, և հաղթանակս կատարյալ կլիներ, եթե միայն իմ խզմզած գծերի իմաստը գոնե փոքր֊ինչ հասկանայի։ Սակայն դժբախտաբար, երբ փորձում էի կարդալ դրանք, այնքան բան էի հասկանում, ինչքան որ  կհասկանայի թեյի տուփերի երեսին գծված չինական նշաններից և կամ այն ոսկեգիր տառերից, որ կարելի է տեսնել դեղարաններում շարված կարմիր ու կանաչ շշերի վրա։
 +
 +
Ուրիշ ոչինչ չէր մնում անել, եթե ոչ դառնալ և ամեն բան վերսկսել։ Տաժանելի գործ։ Բայց սիրտս ամրացնելով, ետ էի դառնում և քրտնաջան աշխատությամբ ու կրիայի քայլերով միևնույն ճանապարհը նորից անցնում, ամեն մի գիծ մանրամասն աչքի առնում և սոսկալի համառությամբ ճիգ թափում ըմբռնելու այդ չարանենգ նշանների իմաստը, ուր էլ դրանք հանդիպեին։ Միևնույն ժամանակ կանոնավոր հաճախում էի գրասենյակս Դոկտորների Համայնքում, ինչպես և դոկտոր Ստրոնգի գրասենյակը․ կարճ ասած՝ աշխատում էի չարքաշ եզան պես։
 +
 +
Մի օր Համայնքը գնալիս՝ մուտքի մոտ մր․ Սպընլոյին հանդիպեցի, որ անչափ լուրջ էր և մի ինչ֊որ բան էր փնթփնթում։ Կարծեցի թե հիվանդ է․ նա ստեպ գանգատվում էր գլխացավից ― վիզը կարճ էր և կոշտ օսլայած փողպատի պատճառով գրեթե խեղդվում էր։ Սակայն ենթադրությունս սխալ եղավ։
 +
 +
Փոխանակ սովորական մտերմությամբ պատասխանելու «բարի լույս, սըր» ողջունիս՝ նա մի հանդիմանական, սառն կերպով վրաս նայեց և հրամայեց հետևել իրեն մի սրճարան, որ Համայնքի հանդեպ էր՝ ս․ Պողոսի գավթի կամարակապ նրբանցքում։ Հնազանդվեցի, և նույն րոպեին մարմնիս վրա տաք֊տաք քրտինք զգացի և ասես թե բոլոր կասկածներս բողբոջների պես կաշուս միջից դուրս ցցվեցին։ Անցքը նեղ էր։ Մր․ Սպընլոն առաջ գնաց․ նրա գլխի խրոխտ բռնվածքից ոչ մի լավ բան չէր կարելի սպասել․ սիրտս ասում էր, թե իմ ու Դորայի գաղտնիքը նա ինչ֊որ ձևով որսացել է։
 +
 +
Ենթադրությունս չարաչար ճշմարտվեց, երբ նրա հետ միասին վերևի սենյակը մտնելուս պես միս Մեորդստոնին տեսա․ նա կանգնած էր դարակին հենված, որի վրա մի քանի հատ՝ լիմոնով բաժակներ կային և զանազան անկյուններով ու խորշերով հիմա արդեն անգործածելի երկու տարօրինակ արկղիկներ, որոնց մեջ դանակներ ու պատառաքաղներ էին պահվում։
 +
 +
Միս Մեորդստոնը իր սառցային մագիլներն ինձ մեկնեց և խոժառադեմ նստեց։ Մր․ Սպընլոն դուռը փակեց, նշան արեց, որ ես էլ նստեմ, և վառարանի առջև փռված գորգի վրա կանգնեց։
 +
 +
― Հաճեցեք ցույց տալ մր․ Կոպպերֆիլդին, ― ասաց մր․ Սպընլոն, ― ինչ որ ունիք ձեր ռեդիկուլում, միս Մեորդստոն։
 +
 +
Եթե չեմ սխալվում, դա նույն պայուսակն էր՝ պողպատե ճարմանդով ու երախի պես բացվող բերանով, որ տեսել էի մանկությանս օրերում։ Միս Մեորդստոնը ճարմանդի հետ միասին իր շուրթերն էլ սեղմեց, զսպանակը հուպ տվեց և պայուսակը բանալուն պես իր բերանն էլ բանալով, պայուսակի միջից իմ վերջին նամակը հանեց ― քնքուշ սիրո զգացումներով թաթախուն վերջին նամակս առ Դորան։
 +
 +
― Կարծեմ ձերն է այս ձեռագիրը, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Սպընլոն։
 +
 +
Ես բռնկվեցի, և իմս չէր այն ձայնը, որով պատասխանեցի․
 +
 +
― Այո՛, սըր։
 +
 +
Միս Մեորդստոնը կապտագույն ժապավենով կապված նամակների մի ծրար հանեց պայուսակից և մր․ Սպընլոյին հանձնեց։
 +
 +
― Սրանք էլ, կարծեմ, ձեր գրչի արգասիքն են, մր․ Կոպպերֆիլդ, ― շարունակեց մր․ Սպընլոն։
 +
 +
Ընկճված սրտով վերցրի նրանից այդ ծրարը, և հենց որ թերթերի ճակատին «Սիրելի Դորա, հոգյակս, հրեշտակս» բառերը նշմարեցի՝ երեսս բորբոքվեց ու գլուխս կախ ընկավ։
 +
 +
― Ո՛չ, շնորհակալ եմ, ― ասաց մր․ Սպընլոն սառնությամբ, երբ մեքենայաբար ետ էի տալիս ծրարը։ ― Չեմ ուզում ձեզ այդ գանձից զրկել։ Խնդրեմ շարունակեցեք, միս Մեորդստոն։
 +
 +
Այդ չնաշխարհիկ արարածը մի քանի վայրկյան մտածկոտ հայացքով գորգին նայելուց հետո՝ հետևյալը պատմեց ամենապաղ անդորությամբ։
 +
 +
― Պիտի ասեմ, որ արդեն վաղուց կասկածելի էր երևացել ինձ, միս Սպընլոյի հարաբերությունը Դավիթ Կոպպերֆիլդի հետ։ Հենց առաջին հանդիպումից ես սկսեցի երկուսին էլ աչքաբաց դիտել, և տպավորությունս անախորժ էր։ Մարդկային սրտի ապականությունն այնտեղ է հասնում, որ․․․
 +
 +
― Խնդրեմ, տիկին, միայն փաստերով բավականացեք, ― նկատեց մր․ Սպընլոն։
 +
 +
Միս Մեորդստոնը աչքերը կախեց, գլուխը շարժեց, իբր թե բողոքելու այդ անպատշաճ ընդմիջման դեմ, և ապա շարունակեց վշտացած հպարտությամբ։
 +
 +
― Որովհետև միայն փաստեր են պահանջում ինձնից, ես էլ միայն չոր֊չոր փաստեր առաջ կբերեմ։ Ասացի, սըր, թե վաղուց արդեն սրտիս մեջ կասկած էր ընկել միս Սպընլոյի ու Դավիթ Կոպպերֆիլդի նկատմամբ։ Շատ էի ուզում կասկաածներս մի դրական փաստով հաստատել, բայց ջանքերս զուր էին անցնում։ Այս պատճառով զգուշանում էի միս Սպընլոյի հորը բան ասելուց (խիստ֊խիստ նայելով նրան)․ ես գիտեմ, թե այսպիսի դիպվածներում մարդիկ որքա՜ն չեն հոժարում հավատ ընծայել իրենց պարտքը ճիշտ կատարող անձերին։
 +
 +
Մր․ Սպընլոն կարծես ընկճվելով միս Մեորդստոնի այդ այրական խստությունից, իր ձեռքի մի հաշտաբար շարժումով շտապեց փոքր֊ինչ ամոքել նրան։
 +
 +
― Երբ ես Նորվուդից ետ եկա, ուր գնացել էի եղբորս հարսանիքին ներկա լինելու, ― շարունակեց միս Մեորդստոնը արհամարական եղանակով, ― երբ միս Սպընլոն էլ միս Միլսի տանից վերադարձավ, ուր հյուր էր գնացել, տեսա, որ միս Սպընլոն ավելի կասկածելի ընթացք էր բռնել։ Հետևաբար ես էլ սկսեցի ավելի արթուն հսկել նրա վրա։
 +
 +
Իմ նազելի՜, խղճո՜ւկ Դորա, արդյոք կարո՞ղ էիր երևակայել, որ այդ վիշապի արթուն աչքերը ամեն քայլիդ հետևում է։
 +
 +
― Բայց և այնպես, ― շարունակեց միս Մեորդստոնը, ― չէի կամենում մի փաստ գտնել մինչև երեկ։ Ինձ թվում էր, թե միս Սպընլոն շատ հաճախ է նամակներ ստանում միս Միլսից․ սակայն գիտենալով, որ այդ օրիորդի բարեկամությունը միս Սպընլոյի հետ վերջինիս հոր հաճությամբ է տեղի ունեցել (դարձյալ մր․ Սպընլոյի վրա մի դաժան հայացք), հարկ չհամարեցի միջամտել։ Եթե իմ ակնարկը մարդկային սրտի ապականության վրա անպատշաճ գտան, թող գոնե ներվի ինձ անտեղի հավատարմության մասին բան ասել։
 +
 +
― Լավ կանեք, ― մրմնջաց մր․ Սպընլոն։
 +
 +
― Երեկ երեկոյան, թեյից հետո, ― շարունակեց միս Մեորդստոնը, ― նկատեցի, որ շնիկը մռմռալով, վազվզելով ու ցատկոտելով դահլիճում, մի ինչ֊որ բան է գզգզում։ «Դորա, այդ ի՞նչ բան է շնիկի բերանում», ասացի ես միս Սպընլոյին։ Միս Սպընլոն անմիջապես գոտու մեջ տարավ իր ձեռքը, ճիչ հանեց ու իր շնիկի հետևինց վազեց։ Ես բռնեցի նրան ու ասացի․ «Սիրելի Դորա, թույլ տվեք ես ինքս․․․»։
 +
 +
Օ՜հ, Ջիպ, դու անշահ սպանիական շուն․ ուրեմն դո՞ւ ես մեր դավաճանը։
 +
 +
― Միս Սպընլոն փորձում էր, ― ասաց միս Մեորդստոնը, ― համբյուրներով, ձեռագործի տուփերով, զանազան մանր գոհարեղենով կաշառել ինձ․․․ թողնենք այդ։ Շնիկը բազմոցի տակ թաքնվեց, և ես շատ չարչարվեցի, մինչև որ ունելիով դուրս բերի նրան այնտեղից։ Բայց դուրս գալուց հետո էլ թուղթը բերանում բռնած էր, և երբ ես, նույնիսկ կծոտվելու վտանգի ենթարկվելով, ուզում էի թուղթը թռցնել, նա շարունակեց այնպես համառ սեղմել նրան ատամներով, որ փաստաթղթի հետ օդում կախ մնաց։ Վերջապես թուղթը խլեցի։ Կարդալուց հետո, մեղադրեցի միս Սպընլոյին, թե անշուշտ ուրիշ այդպիսի նամակներ էլ կունենա, և ապա նրանից այդ ծրարն ստացա, որ ահա Դավիթ Կոպպերֆիլդի ձեռքին է։
 +
 +
Լռեց և շառաչյունով իր պայուսակը գոցելով ու բերանը փակելով, մի այնպիսի դիրք ընդունեց, որ կարծես ուզում էր ասել․ «Դուք կարող եք ավելի շատ խորտակել ինձ, քան ընկճել»։
 +
 +
― Ահա, լսեցիք միս Մեորդստոնին, ― ասաց մր․ Սպընլոն, ինձ դառնալով։ ― Կցանկանայի իմանալ, մր․ Կոպպերֆիլդ, թե ի՞նչ պատասխան կտաք մեզ։
 +
 +
Արժանապատվությանս չնչին մնացորդն էլ կորավ այն պատկերի հանդիման, որ կանգնած էր աչքիս առջև․ տեսնում էի իմ լքյալ, իմ պաշտելի Դորային, որ մեն֊մենակ, սարսափած ու թշվառ՝ ամբողջ գիշեր լաց էր եղել, զուր ջանալով ներում ստանալ այդ քարասիրտ կնոջից․․․ և նրան համբույրներ, տուփեր, գոհարներ առաջարկել․․․ և այժմ հուսահատ էր իմ պատճառով։ Սրտիս վշտից ամբողջ մարմինս դողում էր, թեև աշխատում էի ծածկել այդ։
 +
 +
― Ասելիք չունեմ, սըր, ― պատասխանեցի վերջապես։ ― Ամբողջ հանցանքն իմն է։ Ես էի Դորային․․․
 +
 +
― Միս Սպընլոյին, կցանկանայի ասել, ― իշխանաբար ուղղեց հայրը։
 +
 +
― ․․․ հաղորդել ու համոզել, ― շարունակեցի ես՝ առանց այդ պաղ անունը կրկնելու, ― համոզել, որ մեր գաղտնիքը ձեզնից թաքցնի, և այժմ սաստիկ զղջում եմ։
 +
 +
― Ամենախիստ հանդիմանության արժանի եք, սըր, ― ասաց մր․ Սպընլոն, գորգի վրա ետ ու առաջ ման գալով և մարմինը սաստիկ շարժելով, բացի գլխից, որ օձիքների ու ողնաշարի կարծրությունից ամենևին չէր կարող շարժել։ ― Ձեր արածը մի գողունի, անարգ բան է, մր․ Կոպպերֆիլդ։ Իմ տանը մի ջենտլմեն ընդունելիս, քանի տարեկան էլ որ լիներ՝ տասնինը, քսանինը թե իննսուն, ընդունում եմ լիակատար վստահությամբ։ Եվ եթե նա վստահությունս խաբում է, ասել է թե ստոր է վարվում, մր․ Կոպպերֆիլդ։
 +
 +
― Հավատացեք, սըր, ― ասացի ես, ― որ ինքս էլ այդ զգում եմ։ Բայց դրա մասին մինչև հիմա չէի մտածել։ Ազնվաբար, անկեղծ սրտով ասում եմ ձեզ, մր․ Սպընլո, մինչև հիմա ոչ մի անգամ չէի մտածել դրա մասին։ Ես այնպե՜ս եմ սիրում միս Սպընլոյին․․․
 +
 +
― Ֆի՜, ինչ հիմար բան է, ― գոչեց կարմրելով մր․ Սպընլոն։ ― Գուցե երեսիս չասեիք, թե իմ աղջկան սիրում եք։
 +
 +
― Եթե սերս չլիներ, էլ ինչո՞վ իմ արարքը կարդարացնեի, սըր, ― պատասխանեցի ես համեստաբար։
 +
 +
― Համենայն դեպս, ո՛չ այդպիսի հիմար սիրով, ― գոչեց հանկարծ մր․ Սպընլոն ու գորգի վրա կանգ առավ։ ― Արդյոք հաշվե՞լ եք, մր․ Կոպպերֆիլդ, ձեր տարիքն ու իմ աղջկա տարիքը։ Արդյոք մտածե՞լ եք, թե ի՞նչ կնշանակի հոր ու դստեր հավատարմության հիմքը քանդել։ Մտածե՞լ եք այն հասարակական դիրքի մասին, որ բռնում է իմ աղջիկը․ այն հեռանկարների մասին, որ կազմել եմ նրա ապագայի վերաբերմամբ, այն կտակի մասին, որ մտադիր եմ անել նրա օգտին։ Արդյոք այս բոլորից մի որևէ բանի մասին մտածե՞լ  եք, մր․ Կոպպերֆիլդ։
 +
 +
― Մտածել եմ, բայց շատ քիչ, ― պատասխանեցի ակնառությամբ ու տրտմությամբ։ ― Սակայն դրա փոխարեն կարող եմ հավաստել, որ լավ եմ կշռել իմ հատուկ դրությունը այս կյանքում։ Երբ ես այդ դիրքը ձեզ բացատրեցի, Դորան ու ես արդեն երդումով իրար հետ կապված էինք․․․
 +
 +
― Խնդրեմ չհամարձակվեք երդման ու կապերի մասին բան ասել ինձ, ― գոչեց մր․ Սպընլոն այնպես սաստիկ ծափ տալով, որ անգամ հուսահատ դրությանս մեջ անկարող էի չնկատել, որ այդ միջոցին նա լարով շարժող պընչի<ref>Punch ― խեղկատակ, փայտյա խամաճիկ</ref> նման էր։
 +
 +
Մինչև այդ անշարժ նստած միս Մերոդստոնը մի հեգնական ու մի վանկանի ծիծաղ հանեց։
 +
 +
― Երբ ես ձեզ իմ փոխված հանգամանքները հայտնեցի, սըր, ― սկսեցի ես նորից, իրեն անախորժ ձևի փոխարեն մի ուրիշ ձև տալով խոսքերիս, ― միս Սպընլոյի ու իմ միջև արդեն սկսվել էր այն գաղտնիքը, որի պատճառը դժբախտաբար ես էի։ Հանգամանքներիս փոխվելուց ի վեր ես ամեն ջանք գործ եմ դրել կյանքիս վիճակը բարվոքելու և հավատացած եմ, որ մի օր անշուշտ կբարվոքեմ։ Միայն հաճեցեք մի փոքր ժամանակ շնորհել ինձ։ Միթե չե՞ք շնորհի։ Չէ՞ որ մենք դեռ այնքա՜ն ջահել ենք, նա ու ես․․․
 +
 +
― Իրավ է, ― ընդհատեց ինձ մր․ Սպընլոն, մի քանի անգամ գլուխը շարժելով ու հոնքերը կիտելով։ ― Ճշմարիտ է, երկուսդ էլ շատ ջահել եք։ Այդ բոլորը խենթություն է, և քանի շուտ վերջանա, այնքան լավ։ Վերցրեք այս նամակները և կրակը նետեցեք։ Դուք էլ ինձ միս Սպընլոյի նամակները ետ տվեք, որ ես նրանց կրակը նետեմ։ Հասկանալի է, որ այսուհետև մեր ապագա հարաբերությունները, միայն Համայնքում տեղի կունենան, և այլևս անցյալի մասին չենք խոսի։ Դե, մր․ Կոպպերֆիլդ, դուք անխելք չեք և կհասկանաք, որ սրանից լավ ելք չկա։
 +
 +
Ո՛չ։ Ես այդ բանին չէի կարող համաձայնել։ Շատ էի ցավում, բայց նկատողության արժանի մի բան կար, որ խելքի հաշիվներից շատ բարձր է։ Սերը ամեն բանից գերազանց է, և ես սիրում էի Դորային, պաշտում էի նրան, և Դորան ինձ էր սիրում։ Ասելիքս, հարկավ, ճիշտ այս խոսքերով չասացի ու բավական մեղմացրի․ բայց և այնպես միտքս պարզ էր և որոշումս անդառնալի։ Արդյոք շա՞տ էի ծիծաղելի այդ միջոցին։ Չեմ կարծում․ բայց որ ձայնիս ու դեմքիս արտահայտությունը վճռական էր ― այդ քաջ գիտեմ։
 +
 +
― Շատ լավ, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Սպընլոն, ― ուրեմն ես աղջկաս վրա կփորձեմ ազդել։
 +
 +
Միս Մեորդստոնը արձակեց ոչ թե հառաչանքի կամ հեծության, այլ երկուսին էլ հավասար մի ձայն, հասկացնելով, թե մր․ Սպընլոն վաղուց արդեն պարտավոր էր այդ փորձն անել։
 +
 +
― Եվ անպատճառ կփորձեմ աղջկաս վրա ազդել, ― ասաց մր․ Սպընլոն՝ այդ ակնարկությամբ քաջալերված։ ― Դուք հրաժարվո՞ւմ եք այս նամակները ետ տանել, մր․ Կոպպերֆիլդ, ― հարցրեց նա, տեսնելով որ ես ծրարը սեղանի վրա դրի։
 +
 +
― Այո՛։ Ես խնդրեցի մր․ Սպընլոյին հանդգնություն չհամարել, որ անկարող եմ միս Մեորդստոնի ձեռքից ընդունել նամակները։
 +
 +
― Ոչ էլ ի՞մ ձեռքից, ― հարցրեց մր․ Սպընլոն։
 +
 +
― Ոչ էլ ձեր ձեռքից, ― պատասխանեցի ամենախորին հարգանքով։
 +
 +
Մի երկար լռություն հաջորդեց, և ես վարանում էի, արդյոք հեռանա՞մ, թե՞ մնամ։ Վերջապես հանդարտ մոտեցա դռան և մտադիր էի ասել մր․ Սպընլոյին, թե գուցե հեռանալովս ավելի լավ կհամակերպվեմ իր ցանկությանը, երբ նա ձեռքերը գրպանների մեջ խոթելով, որ նրա համար մի բավական դժվար բան էր, լուրջ ու շատ ջերմեռանդ ձայնով ասաց․
 +
 +
― Երևի թե անհայտ չէ ձեզ, մր․ Կոպպերֆիլդ, որ ես աշխարհային բարիքներից իսպառ զուրկ չեմ, և որ աղջիկս իմ ամենասիրելի և ամենասերտ ազգականն է։
 +
 +
Տաք֊տաք պատասխանելով մր․ Սպընլոյին, ես հույս հայտնեցի, թե իմ կաթոգին սիրուց ծագած սխալ քայլը տեղի չի տա նրան կարծելու, թե մի շահասեր էակ եմ։
 +
 +
― Ակնարկիս միտքը բնավ այդ չէր, ― ասաց մր․ Սպընլոն, ― ձեզ համար, մր․ Կոպպերֆիլդ, անշուշտ և բոլորիս համար ավելի լավ կլիներ, եթե իրոք շահասեր չլինեիք․․․ այսինքն՝ ավելի խոհեմ և ոչ այդպես պատանեկան ցնորքներով մոլորված։ Ո՛չ։ Հարցիս միտքն ուրիշ է։ Երևի թե անհայտ չէ՞ ձեզ, որ ես իմ աղջկան կտակելու մի փոքրիկ գույք ունեմ։
 +
 +
Պատասխանեցի, թե հավանական եմ համարում։
 +
 +
― Եվ հարկավ չե՞ք կարծի, ― ասաց մր․Սպընլոն, ― քանի որ Համայնքում ծառայելով ամեն օր ականատես եք, թե մարդիկ իրենց գործերը կտակով կարգադրելու սուրբ պարտքը որչափ են երևում մարդկային թեթևամտության օրինակները․․․ չեք կարծում, թե ես էլ այդ մասին ուրիշների պես անփույթ եմ։
 +
 +
Գլխովս նշան արեցի, թե չեմ կարծում։
 +
 +
― Ես թույլ չեմ տա, ― շարունակեց մր․ Սպընլոն, իր գլուխը կամաց շարժելով և մերթ ոտքի մատների, մերթ կրունկների վրա հենվելով՝ կարծես թե իր ջերմեռանդ նկատողությանը ավելի կշիռ տալու համար, ― չեմ հանդուրժի, որ իմ լուրջ կարգադրությունը զավակիս օգտին գեթ մազի չափ փոխվի մի տղայական հիմարության պատճառով։ Ձեր արածը հիմարություն է, մի անմիտ բան ― ուրիշ ոչինչ։ Այդ բոլորը փոքր֊ինչ հետո փետրից թեթև բան կերևա։ Սակայն կարող է պատահել․․․ եթե այս խենթությանը իսկույն ևեթ վերջ չտրվի, որ ես նեղն ընկնելով ստիպվեմ մի այնպիսի միջոց ընտրել, որ փրկեր իմ աղջկան ամուսնության հասնող հիմար քայլի հետևանքից։ Արդ հուսով եմ, մր․ Կոպպերֆիլդ, որ չեք հարկադրի ինձ բաց անել՝ նույնիսկ մի քառորդ, կենաց գրքի այս փակ էջը և անգամ մի քառորդ ժամով  այլայլել արդեն վաղուց կարգի դրված մեծակշիռ գործերը։
 +
 +
Մր․ Սպընլոյի դեմքի վրա մի այնպիսի անդորություն, հանդարտություն, պայծառություն էր երևում, որ ես նրան նայելով բոլորովին հուզվեցի։ Նա այն աստիճան անվրդով ու խաղաղ էր․․․ իր գործերն այդպես ճշտիվ կարգի բերած ու սիստեմաբար կանոնավորած լինելուց․․․ որ կարծեմ ինքն էլ դրա մասին մտածելիս գորովվում էր։ Եթե չեմ սխալվում, ես տեսա մինչև անգամ, որ այդ անձնական երջանկության զգացման խորքից նրա աչքերի մեջ մի քանի արտասուք բարձրացան ու ցոլացին։
 +
 +
Սակայն ես ի՞նչ անեի։ Մի՞թե Դորայիս ուրանայի և սրտիս դավաճանը լինեի։ Մի՞թե կարող էի չընդունել մր․ Սպընլոյի առաջարկը՝ յոթ օր մտածելու իր ասած բաների վրա, թեև գիտեի, որ ոչ թե յոթ օր, այլ եթե հազար շաբաթ էլ մտածեմ, մի կաթիլ անգամ չի պակսի իմ սիրո պես ջերմ սիրուց։
 +
 +
― Մինչ այս, մինչ այն՝ խորհուրդ տեսեք միս Տրոտուդի և կամ մի ուրիշ կենսագետ ու փորձառու անձի հետ, ― ասաց մր․ Սպընլոն, իր օձիքն ուղղելով։ ― Մի շաբաթ ժամանակ ունեք, մր․ Կոպպերֆիլդ։
 +
 +
Հնազանդվեցի և տխուր դեմքով հեռացա, բայց հեռացա անվհատ ու անվվկանդ հուսահատությամբ։ Միս Մեորդստոնի ծանր հոնքերը մինչև դուռը հետևեցին ինձ ― հոնքերն եմ ասում, և ոչ աչքերը, որովհետև նրանք շատ ավելի խորհրդավոր էին նրա դեմքի վրա․ ― և նա այնպես դաժան նայեց վրաս, ինչպես նայում էր Բլենդրոտընի դահլիճում, ուր ես ամեն առավոտ ճնշված սրտով դաս էի ասում նրա առջև։ Նույն ճնշումը կարծես այժմ էլ զգալով, ակամա հիշեցի այն ատելի այբբենարանը, որի ձվաձև նկարները ակնոցից ընկած ապակու նման մի բան էին թվում մանկական մտքիս։
 +
 +
Գրասենյակը մտնելուս պես, իմ հեռավոր անկյունում նստեցի և ձեռքերով երեսս ծածկեցի ծեր Տիֆընի ու մյուս գրագիրների հայացքից։ Սկսեցի մտածել հանկարծահաս երկրաշարժի մասին, դառնապես անիծեցի անշահ Ջիպին և վշտակցելով Դորային, այն տեսակ զառանցանքի մեջ ընկա, որ ինքս էլ չգիտեմ, թե ինչպե՞ս իսկույն ևեթ գլխարկս չառա ու գժի պես դեպի Նորվուդ չշարժվեցի։ Դորային տանջում են, և ես այնտեղ չեմ, որ նրան սփոփեմ․․․ Այս մտքերի ազդեցության տակ գրիչս վերցրի և մր․ Սպընլոյին մի վայրենի նամակ գրեցի, աղաչելով չծանրացնել իր զավակի վրա իմ ահեղ ճակատագրի հետևանքները։ Պաղատեցի նաև՝ գթալ այդ քնքուշ ու դյուրաբեկ ծաղկին, և, որքան հիշում եմ, այնպիսի ոճեր բանեցրի, որ կարծես թե մր․ Սպընլոն Դորայի հայրը չլիներ, այլ մի հրեշ, մի չար գազան, մի վիշապ։ Կնքեցի նամակն ու նրա սեղանի վրա դրի, և երբ նա եկավ, դռան միջով լավ տեսա, որ նամակս վերցրեց ու կարդաց։
 +
 +
Մր․ Սպընլոն ամբողջ օրը չխոսեց, բայց երեկոյան դեմ, հեռանալուց առաջ, կանչեց ինձ և ասաց, թե զուր եմ մաշվում իր աղջկա վիճակի մասին։ Նա արդեն համոզել է աղջկան, որ այդ բոլորը խենթություն է, և այլևս նրան ասելու բան չունի։ «Կարծեմ ես ներողամիտ հայր եմ, ― ասաց նա, (և իրոք այդպես էր), ― և ուրեմն դուք ամենևին առիթ չունեք անհանգիստ լինելու այդ մասին»։
 +
 +
― Ձեր անմտության կամ համառության հետևանքը այն կլինի, մր․ Կոպպերֆիլդ, ― նկատեց մր․ Սպընլոն, ― որ ես կստիպվեմ աղջկանս դարձյալ մի քանի ամսով արտասահման ուղարկել․ սակայն ձեր մասին ավելի լավ կարծիք ունեմ և հուսով եմ, որ մի քանի օրից կզգաստանաք։ Գալով միս Մեորդստոնին (դրա մասին էլ ակնարկություն կար նամակիս մեջ), ես այդ լեդիի աչալուրջ հսկողությունը հարգում եմ և շնորհապարտ եմ նրան․ բայց և այնպես խիստ նրան հրամայել եմ, մր․ Կոպպերֆիլդ, որ այս բոլորը շուտով մոռացվի։ Ձեզ էլ, մր․ Կոպպերֆիլդ, ուրիշ բան չի մնում անել, բացի միայն մոռանալուց։
 +
 +
Միա՜յն։ Հեշտ է ասել։ Միևնույն օրը միս Միլսին գրված տոմսակի մեջ դառնությամբ հեգնեցի, թե ինձ ուրիշ բան չի մնում անել, քան միայն մոռանալ Դորային։ Միայն մոռանալ, ուրիշ ոչինչ։ Աղաչեցի միս Միլսին այդ երեկո տեսնել ինձ։ Եթե հնար չլիներ ինձ տեսնել մր․ Միլսի ներկայության պատճառով, խնդրեցի ժամադրություն նշանակել խոհանոցին կից սենյակում, ուր լվացքի տաշտն էր պահված։ Հայտնեցի նրան, թե գլուխս իր հիմքի վրա տատանվում է և միայն միս Միլսը կարող է փրկել նրան ընկնելու վտանգից։ Նամակն արագ ստորագրեցի և երբ, մի տղայի ձեռքով ուղարկելուց առաջ, մի անգամ էլ աչքի անցրի, տեսա որ ոճս մր․ Միկաբրի հայտնի ոճից ետ չի մնում։
 +
 +
Բայց և այնպես ուղարկեցի։ Երեկոյան դեմ միս Միլսի փողոցը գնացի և երկար ժամանակ նրա տան շուրջը պտույտ եկա, մինչև որ նրա սպասուհին ինձ նշմարեց և հետևի դռնով ներս տարավ։ Հետո միայն իմացա, որ կարելի էր և շքամուտքով ներս մտնել և կամ նույնիսկ հյուրասենյակում ընդունել, սակայն միս Միլսը սիրում էր ամեն մի խորհրդավոր ու ռոմանտիկ բան։
 +
 +
Խոհանոցն ընկնելուս պես, սկսեցի ինչպես որ պետք էր մոլեգնել․ ուրիշ բան անել չէի էլ կարող, որովհետև գնալուս նպատակն էլ հենց այդ էր։ Միս Միլսը մի շտապ գրված տոմս էր ստացել Դորայից, թե ամեն բան հայտնվել է։ Տոմսի վերջաբանն էր․ «Օ՜հ, Ջուլիա, եկ հասիր, օգնիր ինձ»։ Բայց միս Միլսը կասկած կրելով Դորայի տան մեծերից, չէր համարձակվել այնտեղ գնալ, և մենք բոլորս մոլորված էինք Սահարայի անապատում։
 +
 +
Միս Միլսը վերին աստիճանի ճարտարախոս էր և բառերի ազատ հոսանքից զմայլվող։ Չէի կարող չտեսնել, որ նա ինձ հետ լաց լինելիս մի կատարյալ վայելք էր զգում մեր վշտից։ Նա զգում էր այդ վիշտը՝ ասես թե ավելի ախորժելու համար դրանից։ Նրա ասելով՝ Դորայի ու իմ միջև մի ահագին վիհ էր բացվել, և միայն սերը կարող էր մի ծիածանի կամրջով կապել դրա հակառակ եզերքները։ Սիրո վիճակն է՝ համբերել և տանջվել այս աշխարհում, այդպես էր միշտ, միշտ էլ այդպես կլինի։ «Սակայն փույթ չէ», գեչեց միս Միլսը։ «Շղթայով կապված սիրող սրտերը մի օր անշուշտ կարձակվեն և այն ժամանակ սերն իր վրեժը կհանի»։
 +
 +
Մի շատ մխիթարական բան չէր դա․ բայց միս Միլսը մտադիր չէր սուտ հույսերով սփոփել ինձ։ Նրա խոսքերից ես ավելի թշվառացա, քան առաջ, և ամենաջերմ շնորհակալությամբ հայտնեցի, թե նա իրոք մի ճշմարիտ ընկեր է։ Մենք որոշեցինք, որ հետևյալ օրը նա Դորայի մոտ կգնա և մի հնար կգտնի՝ լեզվով, գրչով և կամ աչքով իմացնելու նրան, թե ես անհույս սիրուց մեռնում եմ։ Անտանելի վշտից ընկճված բաժանվեցինք, և հավատացած եմ, որ միս Միլսը շատ գոհ էր։
 +
 +
Տուն հասնելուն պես ես ամեն բան տատիս հայտնեցի և չնայելով նրա ամոքիչ խոսքերին, վհատված սրտով անկողին մտա։ Վհատ էր սիրտս և՛ առավոտյան զարթնելիս, վհատ էր և՛ դուրս գնալիս։ Շաբաթ օր էր․ գնացի ուղիղ Դոկտորների Համայնքը։ Երբ որ հասա, շատ զարմացա, տեսնելով դռան առջև սպասավորների մի խումբ, որոնք իրար հետ խոսում էին, և մի քանի դատարկ մարդիկ, որոնք ապուշ֊ապուշ նայում էին դեռ չբացված պատուհաններին։ Ես քայլերս փութացրի, նրանց միջով արագ անցա ու ներս մտա։
 +
 +
Գրագիրներն արդեն գրասենյակումն էին, բայց դեռ ոչ ոք գործ չէր սկսել։ Ծերունի Թիֆըն, մի ուրիշի աթոռն էր բռնել (կարծեմ առաջին անգամ իր կյանքում) և գլխարկը չէր կախել։
 +
 +
― Այս ինչ սարսափելի դժբախտություն է, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց նա, ինձ տեսնելով։
 +
 +
― Ի՞նչ, ― գոչեցի ես։ ― Ի՞նչ է պատահել։
 +
 +
― Մի՞թե չգիտեք, ― կանչեց Տիֆըն, և ամենքն ինձ շրջապատելով միևնույնը կրկնեցին։
 +
 +
― Ոինչ չգիտեմ, ― ասացի ես, մեկ֊մեկ նրանց նայելով։
 +
 +
― Մր․ Սպընլոն․․․ ― ասաց Թիֆըն։
 +
 +
― Ի՞նչ։
 +
 +
― Մեռել է։
 +
 +
Հենց իմանաս սենյակի պատերը գլխիս փուլ եկան․ ես տատանվեցի․ գրագիրներից մեկն ինձ բռնեց։ Ինձ նստեցրեց, փողպատս բացին ու ջուր տվին։ Որքա՜ն տևեց այդ բոլորը՝ չգիտեմ։
 +
 +
― Մեռե՞լ է, ― կրկնեցի ես։
 +
 +
― Երեկ քաղաքում ճաշել է և հետո ինքն է կառքը դեպի տուն քշել, հրամայելով կառապանին օմնիբուս նստել, ինչպես որ անում էր շատ անգամ․․․
 +
 +
― Հետո՞։
 +
 +
Կառքը դատարկ է տուն հասել։ Ձիերը կանգնել են ախոռի առջև։ Ձիապանը լապտերը բռնած դուրս է եկել։ Կառքում ոչ ոք չի եղել։
 +
 +
― Ձիերը երևի խրտնե՞լ են։
 +
 +
― Չեմ կարծում, ― ասաց Տիֆըն, ակնոցը հագնելով։ ― Ախոռի առջև կանգնելիս սովորականից ավելի տաք չեն եղել։ Երասանակները կտրված են եղել, երևի թե գետնով քարշ ածելուց։ Ամբողջ տունը ոտքի է ելել․ երեք հոգի շտապել են ճանապարհը խուզարկել։ Մարդուն գտել են տանից մեկ մղոն հեռու ընկած։
 +
 +
― Մեկ մղոնից ավելի հեռու, Թիֆը, ― ընդհատեց մի երիտասարդ։
 +
 +
― Կարելի է․․․ ― հաստատեց Թիֆըն։ ― Այո, մեկ մղոնից էլ փոքր֊ինչ հեռու, եկեղեցու մոտերքում․․․ ճանապարհի եզերքին երեսն էլ վայր տարածված։ Արդյոք կաթվածահա՞ր լինելուց է ընկել, թե ինքն է ներքև իջել տկարություն զգալով․․․ կամ թե արդյոք մեռա՞ծ է եղել, երբ նրան գտել են, թեև արդեն անղգա՝ ոչ ոք չգիտի։ Գուցե դեռ շունչը վրան է եղել, բայց ոչ մի բառ չի ասել։ Իսկույն կանչված բժիշկների օգությունը զուր է անցել։
 +
 +
Թե ինչ զգացի այդ գույժը լսելով՝ անկարող եմ նկարագրել։ Ամեն մարդ կհասկանա, թե ինչ տագնապ պիտի զգայի այն անակնկալ պատահարից, որի զոհի հետ դեռ փոքր֊ինչ առաջ վիճել էի։ Նրա սենյակի զարհուրելի ամայությունը, ուր աթոռն ու սեղանը կարծես դեռ իրեն էին սպասում․ դեռ երեկ գրած տողերը, որոնք ուրվականի պես պշնում էին վրաս․ նրան այդ տեղից բաժանելու անկարելիությունը․ կարծես թե ահա դուռը հանկարծ կբացվի ու նա ինքը անձամբ ներս կմտնի․ գրասենյակի տխուր ու խորը լռությունը, գրագիրների անհագուրդ շշնջյունն իրար հետ և մի նոր բան լսելու տենչով դրսի մարդկանց անդադար մուտքն ու ելքը․․․ այս բոլորը հասկանալի է յուրաքանչյուր մարդու համար, որ դժբախտություն է ունեցել մերձավոր կորցնելու։ Սակայն ինչ֊որ անկարող եմ հասկանալ և ըմբռնել, այդ այն թաքուն նախանձն է, որ զգում էի սրտիս խորքում մինչև անգամ դեպի մահը։ Զգում էի, իբր թե մահը Դորայի մտքից վռնդում է ինձ, և ես հոգիս տանջող նախանձ  էի զգում դեպի Դորայի վիշտը։ Զայրույթս բորբոքվում էր մտածելիս, թե Դորան ուրիների առջև է լաց լինում, ուրիշներն են նրան սփոփում․․․ Եսամոլ տենչս էր՝ ամենքին հեռացնել նրա մոտից, անջատել նրան աշխարհից, մենակ իշխել նրա սրտին և այդ չարագետ րոպեին ամեն բան միայն ինձնով փոխարինել։
 +
 +
Մտքերս այս ալեծուփ դրության մեջ (որի մեջ հուսամ թե շատերն էլ գտնված կլինեն ինձ նման) ես երեկոյան Նորվուդ գնացի և սպասավորից իմացա, որ միս Միլսն այնտեղ է։ Տուն վերադառնալով նրան մի նամակ ուղարկեցի, որի հասցեն իմ խնդրանոք տատս գրեց։ Նամակիս մեջ ի բոլոր սրտե ողբում էի մր․ Սպընլոյի վաղահաս մահը և գրելիս արտասուք թափում։ Աղաչում էի նրան Դորային ասել, եթե միայն Դորան ականջ դնելու ընդունակ է, թե մր․ Սպընլոն միշտ բարությամբ ու գթությամբ էր ինձ հետ խոսել և թե իր աղջկան հիշելիս անհուն սիրով և առանց մի կշտամբական բառ ասելու նրա անունն արտասանել։ Գիտեի, որ այսպես գրելը եսականություն է իմ կողմից ― ես ուզում էի, որ անունս Դորայի առջև արտասանվի, բայց և աշխատում էի համոզել ինձ, թե արդարության պարտք եմ վճարում հանգուցյալի հիշատակին։ Եվ գուցե իրոք համոզված էի։
 +
 +
Հետևայլ օրը տատս մի երկտող պատասխան ստացավ՝ արտաքուստ իրեն ուղղած, ներքուստ՝ ինձ։ Դորան սաստիկ ընկճված է եղել, և երբ ընկերուհին նրան հարցրել է, թե արյոք իր կողմից էլ ողջյունի՞ ինձ, նա միայն լալով գոչել է․ «Օ՜հ, հայրիկ իմ, սիրելի հայրիկ»։ Բայց չի ասել ո՛չ, և այդ արդեն ինձ համար մի ահագին սփոփանք էր։
 +
 +
Մր․ Ջորկինսը, որ պատահարից ի վեր Նորվուդումն էր գտնվում, մի քանի օրից հետո Համայնք եկավ։ Նա ու Թիֆըն մի քանի րոպե առանձին մնացին գրասենյակում․ հետո Թիֆըն դռնից դուրս նայեց և ինձ ներս հրավիրեց։
 +
 +
― Օ՜, ― ասաց մր․ Ջորկինսը։ ― Ահա մր․ Թիֆըն ու ես, մր․ Կոպպերֆիլդ, հանգուցյալի գրասեղանը, գզրոցներն և ուրիշ պահարաններն ենք խուզարկում՝ նրա մասնավոր թղթերը կնքելու և կտակը գտնելու համար։ Սակայն կտակի հետքն էլ չկա։ Խնդրեմ դուք էլ օգնեցեք, մր․ Կոպպերֆիլդ։
 +
 +
Աղետալի դեպքից ի վեր սաստիկ փափագում էի գեթ վայր ի վերո իմանալ, թե Դորայի վիճակն ի՞նչ պիտի լիներ, ո՞վ պիտի լիներ նրա խնամակալը և այլն, և մր․ Ջորկինսի հրավերը շատ հաճելի էր ինձ համար։ Իսկույն սկսեցինք հետազոտել։ Մր Ջորկինսը գզրոցները բաց էր անում և մենք թղթերը դուրս հանելով, պաշտոնականները մի կողմ էինք դնում, մասնավորները՝ մյուս կողմ (վերջիններս շատ չէին)։ Շատ լուրջ էինք այս բոլորն անելիս, և երբ հանգուցյալին պատկանած որևէ կնիք, մատանի, մատիտ և կամ մի ուրիշ մանր բան պատահեր, շշունջով էինք իրար հետ խոսում։
 +
 +
Արդեն շատ ծրարներ էինք կապել և մեր փոշոտ զբաղմունքն անշտապ առաջ էինք տանում, երբ մր․ Ջորկինսն իր ընկերոջ մասին մի նկատողություն արեց իսկ և իսկ այն խոսքերով, ինչ խոսքեր որ հանգուցյալն էր բանեցնում նրա մասին ասելիս։
 +
 +
― Մր․ Սպընլոն այնպիսի մարդ չէր, որ հեշտ շեղվեր արդեն իր ընտրած արահետից։ Դուք հո գիտեք՝ ինչ մարդ էր։ Ես հակամետ եմ կարծելու, թե ոչ մի կտակ չի թողել։
 +
 +
― Հաստատ գիտեմ, որ թողել է, ― ասացի ես։
 +
 +
Երկուսն էլ կանգ առան ու աչքերը վրաս ուղղեցին։
 +
 +
― Հենց մեր վերջին տեսակցության օրը, ― շարունակեցի ես, ― մր․ Սպընլոն ինձ հայտնեց, թե կտակն արդեն գրել է և վաղուց իր գործերը կարգադրել է։
 +
 +
Մր․ Ջորկինսն ու ծերունի Թիֆըն գլուխները շարժեցին։
 +
 +
― Բարեգուշակ բան չէ դա, ― ասաց Թիֆըն։
 +
 +
― Բարեգուշակ չէ բնավ, ― ասաց մր․ Ջորկինսը։
 +
 +
― Դուք հարկավ չեք կասկածում, որ․․․ ― սկսեցի նորից։
 +
 +
― Սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց Թիֆըն և ձեռքն ուսիս դնելով, աչքերը գոցեց ու գլուխը թոթվեց։ ― Եթե դուք այնքան ծառայած լինեիք Դոկտորների Համայնքում, որքան ես եմ ծառայել, անթիվ փորձերով կիմանայիք, թե մարդիկ որ աստիճան թեթևամիտ են և անվստահելի այս տեսակ գործերում։
 +
 +
― Պատիվս վկա, ― գոչեցի ես, ― մր․ Սպընլոն էլ իսկ և իսկ այդ էր ասում։
 +
 +
― Ուրեմն էլ խոսելու բան չկա, ― նկատեց Թիֆըն։ ― Ես հավատացած եմ, որ ոչ մի կտակ էլ չի արել։
 +
 +
Այդ ինձ շատ զարմանալի երևաց, բայց փոքր֊ինչ հետո իրոք տեսանք, որ մեջտեղը կտակ չկա։ Մր․ Սպընլոն չէր էլ մտածել որևէ կտակ անելու․ այդ պարզ երևում էր թերթերից, ուր այդպիսի դիտավորության մի ուրվագիծ, մի ակնարկ, մի հետք անգամ չէր նշմարվում։ Այն հանգամանքն էլ զարմանալի էր, որ նրա անձնական գործերը  վերին աստիճանի անկարգ էին։ Անչափ դժվար էր, ասացին ինձ, վերստուգել, թե նրա պարտքը որքա՞ն էր, ո՞ր մասն էր վճարել և կամ որքա՞ն դրամ ուներ։ Հավանական էր, որ տարիներ ի վեր ինքն էլ այդ մասին մի պարզ գաղափար չէր կազմել։ Հետզհետե հայտնի եղավ, որ հանգուցյալ պրոկտորը կամենալով Դոկտորների ազնվական Համայնքում փայլել, իր պաշտոնական եկամուտից ավելի էր ծախս արել և իր մասնավոր կայքն անգամ, որ երբեք շատ մեծ չէր եղել, բոլորովին քայքայել։ Երբ որ սկսեցին Նորվուդում եղած շարժական գույքը վաճառել, մր․ Թիֆըն առանց գուշակելու, թե ես որքա՞ն եմ հետաքրքրվում այդ բանով, հաղորդեց ինձ, որ եթե հանգուցյալի բոլոր պարտքերը վճարվեին ու նրա կողմից գրասենյակին հասանելի գումարները դուրս հանվեին, ― այնքան չնչին բան կմնա, որ նա, այսինքն՝ Թիֆըն, մի հազար ֆունտ էլ չի տա։
 +
 +
Այս բոլորը մոտավորապես վեց շաբաթից հետո պարզվեց։ Այդ միջոցին ես չարաչար տանջվում էի և պատրաստ էի մինչև անգամ բռնի վերջ տալ օրերիս, երբ մանավանդ լուր էի ստանում միս Միլսից, թե իմ անունը Դորայի առջև հիշելուն պես՝ Դորան ուրիշ բան չի ասում, բացի «Հայրրի՜կ իմ, օ՜հ հայրիկ»։ Միևնույն աղբյուրից իմացա, որ Դորան երկու հորաքույրից բացի ոչ մի ուրիշ ազգական չունի, որ երկուսն էլ կույս են, երկուսն էլ Պուտնիում միասին են ապրում և երկար տարիներից ի վեր եղբոր հետ հարաբերություն չեն ունեցել։ «Չեմ ասի, թե թշնամի էին իրար հետ (գրում էր ինձ միս Միլսը), սակայն որովհետև Դորայի մկրտության օրը մր․ Սպընլոն թեյի էր հրավիրել քույրերին, մինչդեռ նրանք սպասել էին, թե ճաշի հրավեր կստանան, ուստի նրանք դրանով հայտնում են եղբորը, թե «երկու կողմի շահերի համար լավ կհամարեն, տանը մնալ, և այն օրից քույրերն իրենց ճամփով են երկրի վրա ընթացել և եղբայրն էլ իր ճամփով։
 +
 +
Սակայն այժմ այդ երկու լեդիներն առանձնությունից դուրս էին եկել և Դորային առաջարկել, որ իրենց հետ Պուտնիում բնակվի։ Դորան էլ նրանց գիրկն էր ընկել ու գոչել․ «Այո՛, սիրելի հորաքույրներ, միս Միլսին էլ Պուտնի տարեք, ինձ էլ տարեք, Ջիպի՜ն էլ»։ Եվ թաղումից հետո բոլորն էլ քաշվել են Պուտնի։
 +
 +
Չեմ հասկանում, թե ինչպե՞ս էի ժամանակ գտնում Պուտնի գնալու, իրողությունը սակայն սա է, որ ես գրեթե ամեն օր քարշ էի գալիս այն կողմերում։ Միս Միլսն իր բարեկամական պարտքն ավելի ճիշտ կատարելու համար մի հիշատակարան էր գրում ու երբեմն֊երբեմն Համայնք գալով, ինձ կարդում և կամ թողնում, որ ես կարդամ, եթե ինքը ժամանակ չունենար։ Որքա՜ն թանկ էին ինձ համար այդ օրագրի հատվածները, որոնցից ահա մի օրինակ․
 +
 +
«Երկուշաբթի։ ― Սիրելի Դ․ դարձյալ տխուր ու վշտահար։ Սարսափելի գլխացավ։ ― Ուշք դարձրեց Ջ֊ի վրա, ասելով թե նրա մորթը փայլուն է։ ― Դ֊ն շոյեց Ջ֊ին։ ― Հիշատակներն արթնացան ու վշտերի սահանքը բացվեց։ ― Արտասուքի հեղեղ։ (Արտասուքը մեր սրտի ցողը չէ՞ արդյոք։ Ջ․ Մ։)
 +
 +
Երեքշաբթի։ ― Դ֊ն թույլ է ու գրգռված։ ― Թեև գունատ, բայց գեղեցիկ։ (Արդյոք նույնը լուսնի վրա էլ չե՞նք նկատում։ Ջ․ Մ։)  ― Դ․ Ջ․ Մ․ և Զ․ կառքով զբոսնելու գնացին։ ― Ջ․ պատուհանից դուրս նայեց և սաստիկ հաչեց փողոցն ավլող բանվորի վրա։ ― Դ֊ի երեսին մի թեթև ժպիտ երևաց։ (Այպիսի չնչին օղակներից է կազմված կյանքի շղթան։ Ջ․ Մ։)
 +
 +
Չորեքշաբթի։ ― Դ֊ն համեմատաբար ավելի զվարթ է։ ― Երգեցի նրան սրտառուչ «Երեկոյան զանգակերը»։ ― Մի ամոքիչ ազդեցություն առաջ չեկավ, ընդհակառակն։ ― Դ֊ն անչափ հուզված է։ ― Փոքր֊ինչ հետո իր սենյակում արտասուքի մեջ ընկղմած։ ― Կարդացի նրան մի քանի ոտանանվոր , ուր աղջիկը վիթի հետ է համեմատած։ ― Ազդեցությունը չնչին։ ― Հիշատակեցի նաև համբերության արձանը շիրմի վրա։ (Հարց․ ինչո՞ւ հատկապես շիրմի վրա։ Ջ․ Մ։)
 +
 +
Հինգշաբթի։ ― Դ֊ն ակներև ուղղվում է։ ― Հանգիստ գիշեր։ ― Այտերի վրա վարդի գույն։ ― Որոշում եմ Կ֊ի անունը հիշատակել Դ֊ին։ ― Զգուշույամբ խոսք եմ բացում մեր զբոսանքի ժամանակ։ ― Նույն րոպեին Դ֊ն հուզված ու շփոթված։ ― «Օ՜հ, սիրելի, իմ սիրելի՜ Ջուլիա։ Օ՜հ, ես մի վատ, մի անհնազանդ զավակ էի»։ ― Հանգստացնում եմ նրան գգվելով, ― ներկայացնում եմ գերեզմանի շեմքին հասած Դ․ Կ֊ի իդեալական պատկերը։ ― Դ֊ն դարձյալ շատ է հուզված։ ― «Օ՜հ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ ես։ Օ՜հ, տարեք ինձ մի տեղ»։ ― Սաստիկ տագնապ։ ― Դ֊ն ուշաթափ։ ― Մի բաժակ ջուր պանդոկից։ (Բանաստեղծական համեմատությոն։ Պանդոկի դռան նշանակը խայտաճամուկ, մարդկային կյանքն էլ խայտաճամուկ։ Ավա՜ղ։ Ջ․ Մ։)
 +
 +
Ուրբաթ։ ― Արկածների օր։ Մի մարդ է գալիս խոհանոց, մի կապույտ պարկ շալակած, և ասում․ «Տվեք տիկնոջ կարկատելու մուճակները»։ «Կարկատելու մուճակներ այստեղ չկան», պատասխանում է սպասուհին։ Մարդը կրկնում է իր պահանջը։ Սպասուհին գնում է բանի էությունը իմանալու, թողնելով Ջ֊ին մարդու հետ։ Սպասուհին ետ է գալիս, մարդը դարձյալ իրենն է պնդում ու վերջապես հեռանում։ Ջ֊ի կորուստը։ ― Դ֊ն հուսահատ է։ ― Զեկուցում ոստիկանության։ ― Մարդու նշանները՝ ահագին քիթ, վիթխարի ոտքեր։ ― Ընդհանուր խուզարկություն։ Ջ֊ն չկա։ ― Դ֊ն սգավոր և անմխիթար։ ― Դարձյալ մի ակնարկ վիթի վրա՝ շատ ի դեպ, բայց ապարդյուն։ ― Երեկոյան դեմ մի անծանոթ պատանի ներս է կանչվում։ ― Քիթն ահագին, բայց ոտքերը ոչ վիթխարի։ ― Պահանջում է մի ֆունտ ստեռլինգ, ասելով թե շան տեղը գիտի։ ― Հազար պաղատանք՝ հայտնելու, թե շնիկը որտե՞ղ է, և ոչ մի պատասխան։ ― Դ֊ն վճարում է ստեռլինգը, և տղան սպասուհուն մի խրճիթ է տանում, ուր Ջ֊ն սեղանի ոտքին է կապված։ ― Դ֊ի ցնծությունը։ Ջ֊ի շուրջ թռչկոտելը, մինչդեռ Ջ֊ն ընթրում է։ ― Այս բարեգուշակ փոփոխությունով քաջալերված, վստահանում եմ Դ․ Կ֊ի անունը տալ վերևի հարկում։ ― Դ֊ի նոր լացն ու հեկեկանքը։ «Ախ, ո՛չ, ո՛չ։ Այժմ մեղք է մի ուրիշ բանի մասին մտածել, քան իմ թշվառ հայրիկիս»։ ― Համբուրում է Ջ֊ին ու լալով պառկում է քնելու։ (Պետք չէ՞ արդյոք Դ․ Կ֊ին՝ ժամանակի լայն թևերի վրա դնել իր հույսը։ Ջ․ Մ։)...
 +
 +
Միս Միլսը և իր օրագիրը իմ միակ սփոփանքն էին, այդ միջոցին։ Տենել նրան, որ նոր էր տեսել Դորային, գտնել այդ օրագրի յուրաքանչյուր երեսի վրա Դորայի անվան գլխատառը․․․ և դրանով ավելի սրտիս վերքը մորմոքել՝ դա էր միակ հաճույքս։ Ինձ թվում էր, թե մինչև այժմ մի թղթաշեն ապարանքի մեջ եմ ապրել, որ շառաչմամբ կործանվել է, միայն ինձ, ու միս Միլսին ավերակների միջև թողնելով։ Թվում էր, թե մի անգութ, չար կախարդ մի դյութական շրջան է գծել սրտիս անմեղ թագուհու շուրջը, և թե ես իրոք անկարող եմ ուրիշ կերպ հասնել նրան, եթե ոչ ժամանակի հզոր թևերի օգնությամբ, որոնք հազար ու հազար մարդկանց հասցրել են իրենց տենչալի նպատակին։
  
  

00:38, 1 Փետրվարի 2015-ի տարբերակ

Դավիթ Կոպպերֆիլդ

հեղինակ՝ Չարլզ Դիքենս
թարգմանիչ՝ Փիլիպպոս Վարդանյան (անգլերենից)
աղբյուր՝ «Դավիթ Կոպպերֆիլդ»


Ա․ գլուխ

Իմ ծնունդը


Ո՞վ կլինի իմ կենսագրության հերոսը, ե՞ս թե մի ուրիշ մարդ՝ այդ կիմացվի հետևյալ թերթերից։ Հենց սկզբից սկսելու համար՝ իսկույն կասեմ, որ ես ծնվել եմ մի ուրբաթ օր, կես֊գիշերին (գոնե այսպես են պատմել ինձ, և ես հավատում եմ)։ Նկատել են, որ ժամացույցի խփելը և իմ ճվալը մեկ է եղել։

Դայակս ու մեր հարևան պառավները, որոնք այն օրից էին հետաքրքրվել իմ անձով, երբ մենք դեռ ամենևին չէինք կարող իրար մոտիկից ճանաչել, ծնվելուս օրն ու ժամն իմանալով հրատարակում են՝ առաջին, թե այս աշխարհում ես անբախտ կլինեմ․ և երկրորդ՝ ուրվականներ և ոգիներ տեսնելու ձիրք կունենամ։ Ամեն մի երեխա, ասում են նրանք, որ թշվառություն է ունեցել ուրբաթ գիշերվա երկրորդ կեսին ծնվելու, անպատճառ օժտված կլինի այդ երկու ձիրքով։

Առաջին կետի մասին ավելորդ է խոսել, որովհետև այդ գուշակության ճշմարիտ կամ սուտ լինելը իմ կյանքի պատմությունից կերևա։ Երկրորդին գալով՝ բավական է ասել, որ ես մինչև այսօր ուրվականներ չեմ տեսել, եթե միայն չենթադրենք, թե նրանք օրորոցիս մեջ են այցելել ինձ։ Սակայն ես բնավ չեմ գանգատվում, որ զրկվել եմ այդ շնորհից․ Ընդհակառակը՝ շատ գոհ կլինեմ, եթե իմ ժառանգության այդ մասը մի ուրիշ մարդ գրաված լինի։

Ես շապկով եմ աշխարհ եկել։

Այս շապիկի մասին թերթերի մեջ տպված է լինում, թե նա վաճառվում է չնչին գնով՝ տասնհինգ գինեով։[1] Բայց արդյոք այդ միջոցին նավաստիները պատրաստ փող չե՞ն ունեցել, թե՞ շապիկի հրաշագործ զորությանը չհավատալով, լավ են համարել՝ շապիկի փոխարեն մի խցանե գոտի գնել ― չգիտեմ․ ստյուգն այս է, որ միայն մի մուշտարի է մեզ մոտ գալիս իմ շապիկը գնելու, և հատկապես մի մակլեր, որ միայն երկու ֆունտ է առաջարկում պատրաստ դրամով, իսկ մնացածը խոստանում է խերեսի գնով վճարել, որովհետև չի կամենում ավելի թանկ գնահատել ջրում խեղդվելուց ապահովող հմայիչը։ Եվ մայրս դադարում է ոչ միայն հայտարարություններ տպել ու նրանց գինը զուր վճարել, այլև ստիպված է լինում ծախելու իր իսկ ունեցած խերեսը։ Տասը տարի անցնելուց հետո իմ շապիկը վիճակ գցեցին հիսուն հոգու մեջ․ տոմսակի գինը երկու շիլինգ էր․ տանողը հինգ շիլինգ պիտի տար։ Ես ինքս վիճակահանության ներկա էի և լավ եմ հիշում, որ շատ շփոթած ու տրտմած էի՝ տեսնելով, թե ինչպե՞ս են վարվում իմ անձնավորության մի մասի հետ։ Չեմ մոռացել, որ շապիկը վիճակվեց մի պառավ կնոջ, որը իր հին քսակից ակամա հինգ շիլինգ հանեց՝ բոլորն էլ սև դրամով, ու երկուևկես պեննի պակաս․ երկար ժամանակ և թվաբանական մեծ հանճար հարկավոր եղավ այս բանը նրան ապացուցելու, սակայն իզուր։ Եղելությունն այս է, և ամեն մարդ զարմանալով կհիշի, որ պառավը ջրահեղձ չեղավ, այլ բախտ ունեցավ իննսուներկուամյա հասակում առոք֊փառոք իր անկողնում մեռնել։ Ես իմացա, որ նա մինչև իր վերջին շունչը պարծեցել է, թե ոչ մի ժամանակ ուրիշ կերպ չի անցկացել ջրից, բայց միայն կամրջով, և թե թեյ խմելիս (որ սաստիկ սիրել է) միշտ բարկացել է այն անբարիշտ նավաստիների և մյուս նավորդների վրա, որոնք հանդգնություն են ունեցել «հեռու տեղեր քարշ գալու»։ Զուր են փորձել բացատրել նրան, որ եթե այդ հեռու տեղեր ու երկրներ քարշ գալու եղեռնական զբաղմունքը չլիներ, մենք կյանքի շատ վայելքներից, գուցե և նույնիսկ թեյից, զուրկ կմնայինք։ Նա միշտ եռանդով և անդրդվելի համոզմունքով պատասխանել է․ «Ոչ, պետք չէ քարշ գալ»։

Եվ դեսուդեն քարշ չգալու համար՝ դարձյալ դառնամ իմ ծննդյան հարցին։

Ծնվել եմ Բլենդրոտընում, Սուֆոլկի կայսրության մեջ, կամ «այն կողմերում», ինչպես ասում են սկովտացիք։ Ես որբածին զավակ էի։ Երբ իմ աչքերը բացվեցին արևի լույսը տեսնելու, հորս աչքերը վեց ամսից ի վեր գոցված էին։ Այսօր անգամ ես մի տարօրինակ բան եմ զգում, երբ մտածում եմ, որ նա երբեք չի տեսել ինձ․ ավելի տարօրինակ բան եմ զգում իմ մանկության այն օրերը հիշելիս, երբ ապրում էի նրա սպիտակ տապանաքարի մոտերքում։ Որքան եմ կարեկցել այդ ննջեցյալին, որ գիշերային խավարով պատած՝ մենակ պառկած էր հանգստարանի մեջտեղում, մինչ մեր փոքրիկ սենյակը այնպես տաք էր ու լուսավոր․ ինձ թվում էր, թե անգթություն էր նրան մենակ դրսում թողնել և փակել մեր դռները նրա առջև։

Մեր գերդաստանի ամենագլխավոր անդամը հորս հորաքույրն էր, հետևաբար իմ տատը, որի մասին հետո երկար պիտի խոսեմ։ Միս Տրոտուդը կամ միս Բեթսին, ինչպես որ խեղճ մայրս էր կոչում նրան, երբ քաջություն էր ունենում արտասանելու (որ շատ սակավ էր պատահում) այդ սոսկալի անձի անունը, ամուսնացած էր մի մարդու հետ, որ իրենից շատ ջահել էր և սիրուն, բայց սիրուն ոչ այն հին առածի իմաստով, թե «սիրունը նա է, ով բարի է»։ Ասողներ կային, թե նա ծեծելիս է եղել միս Բեթսիին, և, մի անգամ, տնտեսական հաշիվների առթիվ վիճելիս, արագ ու հաստատ կերպով որոշել է դուրս նետել նրան երկրորդ հարկի պատուհանից։ Միս Բեթսին, իր մարդու անզուսպ բնավորության այդ բացահայտ ապացույցների դիմաց լավ է համարել փող տալ նրան, որպեսզի նա հոժարակամ բաժանվի և հեռանա։ Մարդն էլ դրամը ստանալուն պես հեռացել է Հնդկաստան և այնտեղ, ըստ մեր գերդաստանի ավանդության, նրան տեսել են մի բեբունի[2] հետ փիղ նստած շրջելիս։ Սակայն ես կարծում եմ, թե այդտեղ մի սխալ կա․ նրա ընկերը երևի կապիկ չէր, այլ բեբու, կամ բեգում, որ նշանակում է՝ հնդկական իշխանուհի։ Ինչևիցե, տասը տարի անցնելուց հետո, լուր հասավ մեզ, թե նա մեռել է։ Ոչ ոք չգիտե, թե տատս ինչպես ընդունեց այդ լուրը․ ապահարզան ստանալուց հետո նա սկսել էր նորից իր օրիորդական անունը կրել և մի տուն էր գնել ծովի հեռավոր ափին, և այնտեղ էլ բնակվում էր իր սպասուհու հետ մեն֊մենակ, աշխարհից բոլորովին կտրված։

Հայրս, կարծեմ, մի ժամանակ միս Բեթսիի սիրելին էր, բայց միս Բեթսին սաստիկ դժգոհ էր մնացել նրա ամուսնությունից, որովհետև, նրա կարծիքով, մայրս «մի մոմե տիկին» էր ― ուրիշ ոչինչ։ Նա երբեք մորս չէր տեսել, բայց գիտեր, որ մայրս քսան տարեկանից ջահել է։ Այնուհետև հայրս և միս Բեթսին բնավ իրար չեն հանդիպել։ Պսակվելիս իմ հայրը տարիքով երկու անգամ մեծ է եղել մորիցս, և բավական վատառողջ։ Նա մեռել է մի տարուց հետո, իմ ծնվելուց վեց ամիս առաջ, ինչպես արդեն ասել եմ։

Այսպես էր իրերի վիճակն այն՝ հիշատակության արժանի, և թող ներվի ինձ ասել, նշանավոր ուրբաթ գիշերը։ Ես իրավունք ունեմ պնդելու, թե հաստատ գիտեմ այդ գիշերվա դեպքերը և կամ թե իմ անձնական հիշողության վրա է հիմնված այն բոլորը, ինչ որ այսոըհետև պիտի պատմեմ։

Մայրիկս, հիվանդ ու վշտահար, նստած էր վառարանի մոտ և կրակին էր նայում արտասվալիր աչքերով․ նա հուսահատ մտածում էր թե՛ իր և թե՛ անհայր որբի մասին, որի աշխարհ գալը, մինչ այդ աշխարհը առանձին հաճույք չէր զգա նրա գալուց, արդեն ողջունվել էր հարյուրավոր մարգարեական գնդասեղներով,[3] որոնք դրված էին պահարանի աչքում։ Եվ ահա մայրս, ինչպես ասացի, նստած էր վառարանի մոտ՝ մարտ ամսի պայծառ ու ցուրտ երեկոյին և տխուր մտածում էր, թե անկարող կլինի դիմանալ իրեն սպասող երկունքին, և իր արտասուքը սրբելիս՝ հանկարծ պատուհանից մի անծանոթ կին տեսավ, որ գալիս էր պարտոզի միջով։

Երկրորդ անգամ դուրս նայելով, մայրիկս պարզ գուշակեց, թե եկվորը միս Բեթսին է։ Մայր մտնող արեգակը պարտեզի ցանկապատի հետևից լուսավորում էր եկվորին, և սա այնպես հաստատ և համարձակ էր առաջ գալիս, ինչպես միս Բեթսին միայն կարող էր առաջ գալ։

Տան դռանը հասնելուն պես՝ նա մի նոր ապացույց տվեց, որ եկողը հենց ինքն է։ Հայրս միշտ ասելիս է եղել, թե իր հորաքույրը երբեք մի հասարակ ադամորդու պես չի շարժվել․ և ահա դռան զանգակը հնչեցնելու փոխարեն՝ միս Բեթսին մոտենում է վերոհիշյալ պատուհանին և քիթը այնպես հպում ապակուն, որ քթի ծայրը, լուսահոգի մորս ասելով՝ իսկույն ևեթ մի սպիտակ ու տափակ բան է դառնում։

Այս դեպքն այնպես է ցնցում մայրիկիս, որ ես մինչև այժմ համոզված եմ՝ ուրբաթ գիշերով աշխարհ գալս միս Բեթսիին եմ պարտական։

Մայրս շփոթված վեր թռավ և կանգնեց բազկաթոռի հետևը՝ անկյունում։ Միս Բեթսին ամբողջ սենյակը ծանր ու հանդարտ դիտելուց հետո՝ աչքերը հոլանդական ժամացույցի սլաքի նման դեսուդեն շրջեց և, վերջապես, մորս նշմարեց։ Հետո հրամայելու սովոր անձի խրոխտ հայացքով նշան տվեց մորս, որ գնա դուռը բանա։ Մայրիկս գնաց։

― Կարծեմ միստրիս Դավիթ Կոպպերֆիլդն եք, ― ասաց միս Բեթսին, առաջին բառը շեշտելով, ցույց տալու համար, թե իր ենթադրությունը հիմնված է մորս սև հագուստի և երեխա բերելու մերձ վիճակի վրա։

― Այո, ― թույլ ձայնով պատասխանեց մայրիկս։

― Ես միս Տրոտուդն եմ․ անունս անշուշտ լսած կլինեք, ― ասաց հյուրը։

Մայրիկս պատասխանեց, թե պատիվ է ունեցել լսելու․ բայց ցավելով զգում էր, որ անկարող է ցույց տալ, թե մեծ հաճույք չէր վայելել այդ պատվից։

― Այժմ ահա տեսնում եք նրան, ― ասաց միս Թեթսին։

Մայրս գլուխ տվեց և խնդրեց նրան ներս բարեհաճել։

Նրանք մտան այն սենյակը, որից մայրս մի րոպե առաջ դուրս էր ելել, որովհետև մյուս սենյակում հորս մահվան օրից ի վեր կրակ չէր վառվել։ Նստեցին։ Միս Բեթսին լուռ էր, իսկ մայրս ինքն իրեն զուր զսպելուց հետո, վերջապես սկսեց լաց լինել։

― Դե՛, դե՛, դե՛, ― գոչեց արագ միս Բեթսին։ ― Այդպիսի բաներ հարկավոր չեն, բավական է։

Մայրս անկարող էր արտասուքը զսպել և շարունակում էր հեկեկալ։

― Հանիր գլխանոցդ, ա՛յ աղջիկ, ― ասաց միս Բեթսին, ― թույլ տուր երեսդ տեսնել։

Մայրս ահից քար կտրած, ուզենար էլ՝ չէր կարող այդ տարօրինակ պահանջին դիմադրել։ Նա հրամանը կատարեց, բայց այնպիսի դողդոջ ձեռքերով, որ գլխանոցը բաց անելիս՝ իր ճոխ ու սիրուն մազերն էլ քանդեց։

― Օ՜հ, աստված իմ, ― գոչեց միս Բեթսին, ― դու դեռ կատարյալ երեխա ես։

Մայրիկս, իրոք, չնայած իր հասակին, շատ նորատի էր երևում․ նա գլուխը կախեց, ասես թե ջահել երևալը հանցանք լիներ, և հառաչելով ասաց, թե վախենում է, որ այդպես ջահել այրի է և արդեն մայր պիտի դառնա, եթե միայն կենդանի մնա։ Այս խոսքերին հաջորդող կարճ լռության միջոցին մայրս զգաց, որ միս Բեթսին թեթև շոյում է նրա մազերը․ նա վախենալով նայեց տատիս․ միս Բեթսին, իր շրջազգեստի փեշերը վեր քաշած, ձեռքերը ծնկին ծալած, ոտքերը վառարանի վանդակին դեմ տված՝ խոժոռ դեմքով մտիկ էր տալիս կրակին։

― Աստծու սիրուն, ― գոչեց հանկարծ միս Բեթսին, ― ինչո՞ւ են Րուկրի[4] անվանել սրան։

― Ձեր խոսքը մեր տան մասի՞ն է, տիկին, ― հարցրեց մայրս։

― Ինչո՞ւ Րուկրի, ― կրկնեց միս Բեթսին։ ― Եթե ավելի խելք ունենայիք, դու և նա, չէ՞ որ Կուկրի[5] կանվանեիք սրան, քան Րուկրի։

Այդ անունը միստր Կոպպերֆիլդն է տվել, ― պատասխանեց մայրիկս։ ― Տունը գնելիս նա սիրով մտածում էր, թե որոներ կլինեն սրա շուրջը։

Հանկարծ, երեկոյան քամին մի սաստիկ մռնչյուն հանեց պարտեզի հին պտղիների մեջ, և մայրիկս ու միս Բեթսին ակամա այն կողմը նայեցին։ Ահագին ծառերը մեկմեկու գաղտնիք հայտնող հսկաների նման հակվում էին դեպի իրար և մի քանի վայրկյան այսպես հանդարտ մնալուց հետո՝ նորից մոլեգնաբար ուղղվում, իրենց հուժկու բազուկները տատանելով, ասես թե լսած բաներից հանգիստ գտնելու անկարող․ մինչ որոների հողմակոծ ու բզկտված հին բները մրրկահույզ ծովի երեսին ծփխփող ջարդված նավի բեկորների պես, ճոճվում էին ամենաբարձր ճյուղերի վրա։

― Թռչունները որտե՞ղ են, ― հարցրեց միս Բեթսին։

― Թռ՞․․․ ։ ― Մայրս բոլորովին ուրիշ բանի վրա էր մտածում։

― Որորները, որտե՞ղ են կորել որոները, ― նորից հարցրեց միս Բեթսին։

― Մեր այստեղ բնակվելու օրից ես նրանց չեմ էլ տեսել, ― ասաց մայրս։ ― Մենք կարծում էինք․․․ միստր Կոպպերֆիլդը կարծում էր, թե այստեղ շատ որորներ կլինեն, բայց բույները շատ հնացել էին և արդեն վաղուց ամայի էին։

― Ահա այդպես էր Դավիթ Կոպպերֆիլդը, ― գոչեց միս Բեթսին։ ― Կարծես ողջ֊ողջ կանգնած լինի աչքիս առջև։ Րուկրի անվանել այս տունը, մինչդեռ շուրջը և ոչ մի հատ որոր չկա, և թռչուններ երևակայել՝ միայն բներ տեսնելով։ Թե խենթություն չէ, հապա ի՞նչ է։

― Մր․ Կոպպերֆիլդը վախճանված է, ― նկատեց մայրս, ― և եթե դուք համարձակվեք իմ առջև անվայել խոսել նրա մասին․․․

Խեղճ մայրս, կարծես, մի վայրկյան ուզեցավ հարձակվել տատիս վրա և խեղդել նրան։ Այդ կռվում միս Բեթսին անշուշտ մի ձեռքով էլ կհաղթեր մորս, թեկուզ մայրս ավելի առողջ լիներ այն երեկո։ Սակայն մորս քաջությունը վաղանցուկ էր, և նրա աթոռից վերկենալուն պես նորից նստեց և իսկույն ուշաթափվեց։

Երբ որ նա ուշքի եկավ, գուցե նույնիսկ միս Բեթսիի օգնությամբ, տատս արդեն կանգնած էր պատուհանի մոտ։ Երեկոյան վերջալույսը տեղի էր տվել մթության, և նրանք կարող էին միայն վառարանի աղոտ լույսով տեսնել միմյանց։

― Հը՜մ, ― ասաց միս Բեթսին, նորից նստելով աթոռի վրա, ասես թե միայն պատահմամբ պատուհանից դուրս նայած լիներ, ― ուրեմն ե՞րբ եք սպասում։

― Ամբողջ մարմինս դողում է, ― թոթովեց մայրս։ ― Այս ի՞նչ է, չգիտեմ։ Մահս արդեն մոտեցել է։

― Չէ՛, չէ՛, չէ՛, ― ասաց միս Բեթսին։ ― Եկ մի բաժակ թեյ խմիր։

― Օ՜հ, աստված իմ, աստված իմ։ Մի՞թե կարծում եք, որ թեյն ինձ կօգնի, ― հարցրեց մայրս հուսահատ։

― Հարկավ կօգնի, ― պատասխանեց միս Բեթսին։ ― Դատարկ երևակայություն է, ուրիշ ոչինչ։ Քո աղջկա անունն ի՞նչ է։

― Դեռ չգիտեմ՝ աղջի՞կ կլինի, թե՞ տղա, ― ասաց մայրս։

― Աստված օրհնի երեխային, ― գոչեց միս Բեթսին, անգիտակցաբար կրկնելով բարձի վրա նշանակված երկրորդ մաղթանքը, բայց ոչ թե իմ, այլ մորս հասցեին։ ― Ես հարցնում եմ ձեր աղախնու անունը։

― Պեգգոտի, ― ասաց մայրս։

― Պեգգոտի, ― կրկնեց միս Բեթսին փոքր֊ինչ գրգռված։ Ո՞վ է լսել, որ մի մարդկային արարած այդպիսի անուն ստանա եկեղեցում։

― Այդ նրա ազգանունն է, ― երկչոտ ձայնով պատասխանեց մայրիկս։ ― Մր․ Կոպպերֆիլդը այդպես էր կոչում նրան՝ երկուսիս մկրտոթյան անունները չխառնելու համար, որոնք միևնույնն են։

― Ա՛յ Պեգգոտի, ― գոչեց միս Բեթսին, դուռը բանալով։ ― Թեյ։ Տանտիկինդ փոքր֊ինչ տկար է։ Շուտ արա։

Միս Բեթսին այդ պատվերը մի այնպիսի սաստով տվեց, կարծես աշխարհի սկզբից անժխտելի իշխանություն վայելած լիներ մեր տանը, ապա դուրս նայեց՝ Պեգգոտիին տեսնելու, որ անծանոթ ձայնից շվարած՝ ճրագը ձեռքին գալիս էր․ հետո դուռը փակեց և, առաջվա պես տեղը նստելով, փեշերը հավաքեց, ոտները վառարանի վանդակին դրեց և ձեռքերն իրար կցեց ծունկի վրա։

― Ասացիր, գուցե աղջիկ կլինի՞, ― ասաց միս Բեթսին։ ― Ես վստահ եմ, որ աղջիկ կլինի։ Սիրտս վկայում է, որ աղջիկ կլինի։ Եվ, իմացած եղիր, սիրելիս, որ այդ աղջկա ծնվելու րոպեից սկսած․․․

― Գուցե տղայի․․․ ― սիրտ առավ մեջ բերելու մայրիկս։

― Ասում եմ քեզ, սիրտս վկայում է, որ աղջիկ կլինի, ― կրկնեց միս Բեթսին։ ― Խնդրեմ ինձ չհակաճառես։ Այդ աղջկա ծնվելու օրից սկսած՝ ես նրա բարեկամը պիտի լինեմ։ Ես վճռել եմ նրա կնքամայրը լինել և նրան անվանել՝ Բեթսի Տրոտուդ Կոպպերֆիլդ։ Պետք է հոգալ, որ այդ Բեթսի Տրոտուդի կյանքում սխալմունքներ չպատահեն։ Պետք է հսկել, որ նրա զգացմունքների հետ չխաղան։ Պետք է լավ կրթել նրան և զգուշացնել, որ կուրորեն չմտերմանա այնպիսի մեկի հետ, որ արժանի չէ մտերմության։ Այդ մասին հոգ տանելը իմ պարտքը կլինի։

Յուրաքանչյուր խոսքից հետո միս Բեթսին գլուխը թոթվում էր, ասես թե հին վշտերից գրգռվելով և ճիգ թափելով, որ նրանք շատ պարզ չարտահայտվեն։ Գոնե մայրս այդպես էր կարծում՝ աղոտ լույսով նրան դիտելիս․ և մայրս այն աստիճան սարսափել էր միս Բեթսիից, այնքան թույլ էր, այնքան ընկճված ու շփոթված, որ անզոր էր որոշ կերպով մի բան տեսնել և իր ասելիքն իմանալ։

― Եվ Դավիթը քեզ հետ լա՞վ էր վարվում, ― հարցրեց միս Բեթսին փոքր֊ինչ լռելուց հետո, երբ նրա գլուխը դադարել էր շարժվելուց։ ― Արդյո՞ք սիրով էիք իրար հետ։

― Շատ երջանիկ էինք, ― ասաց մայրս։ ― Միստր Կոպպերդիլդը միշտ բարի էր դեպի ինձ։

― Եվ, իհարկե, քեզ երես էր տալիս, ― վրա բերեց միս Բեթսին։

― Այժմ, երբ ես դարձյալ անտեր ու մենակ եմ մնացել այս անկարեկից աշխարհում, տեսնում եմ, որ նա ինձ երես էր տալիս, ― ասաց մայրս լաց լինելով։

― Դե լավ, մի՛ լար, ― ասաց միս Բեթսին։ ― Դուք մեկմեկու շատ էլ հարմար չէիք, սիրելիս․․․ եթե միայն հնարավոր է, որ երկու անհատ լիովին իրար հարմարվեն․․․ այդ էր հարցնելուս պատճառը։ Դու որբ էիր, չէ՞։

― Այո։

― Եվ վարժուհի՞։

― Վարժուհի այն տանը, ուր միստր Կոպպերֆիլդն էլ հաճախ գալիս էր։ Նա ինձ հետ միշտ սիրով էր վարվում, միշտ ուշադիր էր դեպի ինձ, միշտ կարեկից։ Ի վերջո, նա ինձ առաջարկություն արեց, ես ընդունեցի, և մենք իսկույն ամուսնացանք, ― ասաց մայրս պարզորեն։

― Ա՜հ, խեղճ մանուկ, ― ասաց միս Բեթսին մտամոլոր, աչքերն անքթիթ կրակին հառած։ ― Դու որևէ բան անել գիտե՞ս։

― Կներեք, տիկին․․․ ― թոթվեց մայրս։

― Օրինակի համար՝ տուն կառավարել, ― շարունակեց միս Բեթսին։

― Չեմ կարծում, որ այնքան լավ, ինչքան որ կցանկանայի, ― պատասխանեց մայրս։ ― Բայց միստր Կոպպերֆիլդն ինձ դաս էր տալիս․․․

― (Ինքն ի՞նչ գիտեր, որ քեզ դաս տար), ― փնթփնթաց փակագծի մեջ միս Բեթսին։

― Ես հույս ունեի, թե բան սովորելու փափագս միացնելով սովորեցնելու այն համբերության հետ, որ ուներ միստր Կոպպերֆիլդը, հետզհետե առաջ կգնամ, եթե․․․ եթե միայն անգութ մահը․․․ ― Այստեղ մայրս նորից լացեց փղձուկից։

― Լավ է, լա՜վ, ― ասաց միս Բեթսին։

― Ես միշտ գրում էի տան հաշիվները և ամեն երեկո վերստուգում մր․ Կոպպերֆիլդի հետ, ― ասաց մայրս, նորից դառնապես լաց լինելով։

― Լավ է, լա՜վ, ― ասաց միս Բեթսին։ ― Բավ է, մի՛ լար։

― Եվ մենք երբեք չէինք վիճում այդ մասին, միայն երբեմն մր․ Կոպերֆֆիլդը նկատում էր, թե իմ երեքներն ու հինգերը իրար շատ են նմանվում, կամ թե իմ յոթերի ու ինների պոչը շատ երկար է դուրս գալիս, ― ասաց մայրիկս և դարձյալ լաց եղավ։

― Այդքան լալուց դու կհիվանդանաս, ― նկատեց միս Բեթսին, ― և այդ ոչ քեզ օգուտ կբերի, ոչ էլ սանիկիս։ Բավական է, էլ չկրկնես։

Այդ փաստը փոքր֊ինչ հանգստացրեց մայրիկիս, թեև նրա տկարությունը սաստկանում էր։ Այնուհետև բավական երկար կռություն տիրեց, որ երբեմն ընդհատվում էր կրակի առջև նստած տատիս «ահ, ահ» հառաչանքներով։

― Որքան գիտեմ, Դավիթն իր կարողությունը հասութաբեր բանկում էր դրել, ― ասաց տատս վերջապես։ ― Ի՞նչ թողեց նա քեզ։

― Մր․ Կոպպերֆիլդը․․․ ― պատասխանեց մայրս դժվարությամբ խոսելով, ― այնքան բարի էր, որ հասույթի մի մասն իմ անունով հաստատեց։

― Եվ որքա՞ն, ― հարցրեց միս Բեթսին։

― Տարեկան հարյուր և հինգ ստեռլինգ, ― ասաց մայրս։

― Կարող էր է՛լ ավելի վատ բան անել, ― նկատեց տատս։

Վատ բառը հանգամանքին հարմար եկավ։ Մայրիկս արդեն այն աստիճան նվաղել էր, որ Պեգգոտին, որը թեյ ու կարագ էր ներս բերել, մի ակնթարթում նրա վիճակը նկատեց, ― միս Բեթսին էլ վաղուց նկատած կլիներ, եթե մթությունը չարգելեր, և իսկույն վերի սենյակը տարավ նրան։ Այնտեղ նստած էր Հեմ Պեգգոտին՝ նրա քեռորդին, որին մի քանի օր առաջ մորիցս ծածուկ թաքցրել էր մեր տանը՝ պետք եղած րոպեին մանկաբարձի կամ բժշկի հետևից ուղարկելու համար։

Այդ երկու միացյալ զորությունները գրեթե միասին վրա հասնելով, շատ զարմացան, երբ տեսան, որ կրակի առջև նստած էր մի անծանոթ պատկառելի կին, որը գլխարկը ձախ թևից կախած՝ բամբակ էր խցկում իր ականջները։ Պեգգոտին նրան չէր ճանաչում, մայրս էլ նրա մասին բան չէր ասում, ուստի նա մի խորհրդավոր տեսիլքի նման մի բան էր թվում սենյակի մեջ։ Բամբակի ահագին պաշարը, որ նա գրպանից հանում էր ականջների մեջ խցկելու համար, ամենևին չէր վնասում նրա պատկերի վեհությանը։

Բժիշկը վերև գնաց և երբ իջնելուց հետո տեսավ, որ միգուցե մի քանի ժամ մնալու է այդ անծանոթ տիկնոջ հետ դեմ առ դեմ նստած, որոշեց քաղաքավարի ու սիրալիր լինել նրա հետ։ Այդ բժշկից ավելի հեզ ու համեստ մարդ չէր գտնվի աշխարհում։ Որևէ սենյակ մտնելիս կամ դուրս գալիս՝ նա սահում էր պատերի մոտով, որպեսզի որքան կարելի է քիչ տեղ բռնի։ Նա քայլում էր Համլետի ոգուց էլ հանդարտ, գուցե և ավելի զգույշ։ Գլուխը մի կողմ էր թեքում։ Մասամբ իր խոնարհությունն զգալով, մասամբ էլ ամենքին հաճելի լինելու բարի փափագ ունենալով, նա անգամ շանը՝ կատաղի շանը, կոպիտ խոսք չէր ասի։ Գուցե մի կես բառ կամ վանկ ուղղեր նրան՝ մեղմ ձայնով, քանի որ իր խոսելու եղանակն էլ քայլերի նման հեզիկ էր, բայց սաստել շանը կամ սպառնալ ― ոչ երբեք։

Մր․ Չիլիպն անուշ ժպտալով, գլուխը թեքած, ողջունեց տատիս և, և ձեռքը ձախ ականջին դնելով, ասաց․

― Երևի թե մի տեղական գրգիռ է, տիկին։

― Ի՞նչ, ― գոչեց տատս և իսկույն բամբակը շշի խցանի պես ականջից հանեց։

Տատիս այդ սաստկությունից մր․ Չիլիպը այն աստիճան շփոթվեց, որ ինչպես հետո մորս էր պատմում, չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ հրաշքով խելքը չկորցրեց։ Սակայն նույն մեղմությամբ կրկնեց․

― Մի տեղական գրգիռ եք զգում երևի։

― Այդ ի՞նչ հիմար բան ասացիք, ― նկատեց տատս, ― և նույն րոպեին նորից խցեց ականջը։

Մր․ Չիլիպին էլ ուրիշ բան չմնաց անել, եթե ոչ նստել, ահուդողով դիտել տատիս, որ առաջվա պես նայում էր կրակին, և սպասել, մինչև որ իրեն երկրորդ անգամ վերև կանչեն։ Կանչվելուց և մի քառորդ ժամ վերի սենյակում մնալուց հետո նա վերադարձավ։

― Ինչպե՞ս է, լա՞վ է, ― ասաց տատս, հանելով բամբակն այն ականաջից, որ ավելի մոտ էր բժշկին։

― Լավ է, տիկին, ― պատասխան տվեց մր․ Չիլիպը, ― մեր բանը կամաց է առաջ գնում։

― Ի՞նչ, ― ասաց տատս գոռոզ ձայնով և առաջվա պես ականջը խցեց։

Մր․ Չիլիպը, ինչպես որ հետո պատմել էր մորս, գրեթե զայրացավ, մանավանդ իբրև բժիշկ վիրավորված զգալով իրեն։ Բայց և այնպես մոտ երկու ժամ սպասեց, կրակի առաջ նստած՝ տատիս նայելով, մինչև որ նորից վերև կանչեցին։ Այդ երկրորդ անգամ հեռանալուց հետո էլ նա վայր իջավ։

― Լա՞վ է, ― ասաց տատս, բամբակը միևնույն ականջից հանելով։

― Լավ է, տիկի՛ն, ― պատասխանեց մր․ Չիլիպը։ ― Մեր բանը, տիկին, շատ կամաց է առաջ գնում։

― Է՜֊է՜֊է՜հ, ― գոչեց տատս մի այնպիսի վիրավորիչ եղանակով, որ մր․ Չիլիպը էլ չհամբերեց։ Քիչ էր մնացել գժվեր սրտնեղությունից, ինչպես որ հետո իմացա։ Այս պատճառով լավ համարեց դուրս գնալ և, չնայելով հողմի հոսանքին ու մթությանը, սանդուղքի վերևը նստել՝ սպասելով, մինչև որ դարձյալ կանչեն իրեն։

Հեմ Պեգգոտին՝ պետական դպրոցի այդ աշակերտը, որ քրիստոնեականն անգիր գիտեր, ուրեմն կարող էր արժանահավատ վկա համարվել, հետևյալ օրը պատմեց, թե այն միջոցին, երբ այդ դեպքից մի ժամ հետո ինքն ուզում էր դռնից ներս նայել, Բեթսին, որն գրգռված ետ ու առաջ էր գնում, հանկարծ նշմարեց նրան և ճանկերով բռնեց։ Երևի թե տատիս ականջները բամբակով ամուր չէին խցկված, որ նա, հենց որ սաստկացան վերևի ձայներն ու քայլերը՝ ավելի ևս սկսեց զգացնել խեղճ զոհին իր զայրույթը, նրան դեսուդեն քաշքշելով, օձիքը թափ տալով, մազերը փետելով, նրա ականջների մեջ բամբակ խցկելով, կարծես իր ականջները լինեին։ Այս բոլորը փոքր ի շատե հաստատեց տղայի մորաքույրը, որը տեսել էր նրան կես֊գիշերից կես ժամ անց, այսինքն՝ նրա ազատվելուց փոքր֊ինչ հետո, և վկայեց, թե այդ րոպեին Հեմը նույնքան կարմիր էր, որքան և ես։

Անհիշաչար մր․ Չիլիպը, չգիտե ոխ պահել որևէ մեկի դեմ, մանավանդ մի այդպիսի ժամանակ։ Ազատ վայրկյան գտնելու պես՝ նա թեթև սահելով մտավ ներքևի սենյակը և քնքուշ ձայնով ասաց տատիս․

― Երջանիկ եմ, կարող եմ ձեզ շնորհավորել։

― Ի՞նչ շնորհավորել, ― հարցրեց տատս խրոխտաբար։

Մր․ Չիլիպը նորից սոսկաց տատիս ուժգին խոսելու եղանակից, և նրա սիրտը շահելու համար անուշ ժպտաց։

― Տեր ողորմյա, ի՞նչ է պատահել այս մարդուն, ― գոչեց տատս ավելի զայրացած։ ― Լեզուն կապվե՞լ է, ինչ է։

― Հանգստացեք, արգո տիկին, ― ասաց մր․ Չիլիպը ամենաքաղցր եղանակով։ ― Էլ հուզվելու ամենևին տեղիք չկա։ Աղաչում եմ, միամտացեք։

Մինչև այժմ ես հրաշք եմ համարում, թե ինչպես տատս թափ չտվեց մր․ Չիլիպին, թափ չտվեց, մինչև որ նրա ասելիքը դուրս բերեր։ Տատս միայն գլուխը շարժեց, բայց այնպես որ բժիշկը սարսափ զգաց։

― Արգո տիկին, ― շարունակեց մր․ Չիլիպը փոքր֊ինչ շունչ քաշելուց հետո, ― ես երջանիկ եմ, որ կարող եմ շնորհավորել ձեզ։ Ամեն բան վերջացավ և լավ վերջացավ։

Այս ճառն արտասանելու համար մր․ Չիլիպի գործ դրած հինգ֊վեց րոպեի ընթացքում տատս շեշտակի մտիկ էր տալիս նրա երեսին։

― Ինչպե՞ս է նա, ― հարցրեց տատս, կրծքին խաչելով թևերը, որոնցից մեկի վրա դեռ կախված էր գլխանոցը։

― Շատ լավ է, տիկին, և հույս կա, որ շուտով բոլորովին կառողջանա, ― պատասխանեց մր․ Չիլիպը։ ― Այնքան լավ է, ինչքան մի նորատի կին կարող է լավ լինել այսպիսի ծանր հանգամանքներում։ Եվ եթե կամենաք տեսնել նրան, արգելք չկա։ Գուցե նրան թեթևություն պատճառեք։

― Իսկ նա՞։ Նա ինչպե՞ս է, ― հարցրեց տատս սաստկությամբ։

Մր․ Չիլիպը փոքր֊ինչ ավելի թեքեց գլուխը և մի սիրուն թռչնիկի պես նայեց տատիս։

― Ինչպե՞ս է երեխան, ասաց տատս։ ― Աղջիկն ինչպե՞ս է։

― Տիկին, ― պատասխանեց մր․ Չիլիպը, ― կարծում էի, թե արդեն գիտեք։ Նորածինը տղա է։

Մի խոսք անգամ չասաց տատս, այլ միայն գլխանոցի թելը բռնեց, իբրև մի պարսատիկ, և նրանով խփեց մր․ Չիլիպի գլխին, հետո ծուռ֊ծուռ դրեց իր գլխին, դուրս գնաց և այլևս ետ չեկավ։ Նա անհետացավ մի չարացած փերիի և կամ այն գերբնական ոգիներից մեկի պես, որոնց ես իբր կոչված էի տեսնելու․ և էլ երբեք ետ չեկավ։

Երբեք։ Ես պառկած էի օրորոցում, մայրիկս իր անկողնում, իսկ Բեթսի Տրոտուդ Կոպպերֆիլդը գնացել էր ընդմիշտ երազների ու ստվերների աշխարհը, այն խորհրդավոր գավառը, որտեղից ես նոր էի եկել․ և սենյակիս պատուհանից փայլող լուսինը շողշողում էր ինձ նման նորեկների երկրավոր կայանի վրա, լույս տալով և այն շիրիմին, որի տակ հանգչում էր ինձ կյանք շնորհող էակի աճյունը։


Բ․ գլուխ․

Ես դիտում եմ


Իմ մանկությունը հիշելիս ամենից առաջ մտքիս առջև պատկերանում են՝ նախ մայրս իր սիրուն մազերով ու ջահել տեսքով, և հետո բոլորովին անտեսք Պեգգոտին՝ իր սև֊սև աչքերով, որոնք կարծես մթնեցնում էին նրա ամբողջ դեմքը, և իր այնպես կարմիր ու կլոր թշերով, որ ես զարմանում էի, թե ինչո՞ւ թռչունները չէին գալիս ավելի սիրով նրանց կտցելու, քան մի խնձոր։

Հիշում եմ, թե ինչպես մայրս և Պեգգոտին՝ ինձնից փոքր֊ինչ հեռու նստած, կռանալով կամ չոքելով ձեռքները դեպի ինձ են մեկնում, և ես տմբտմբալով մեկից մյուսին եմ գնում։ Պարզ հիշում եմ, կարծես այդ այսօր լիներ, թե ինչպես շոշափում էի Պեգգոտիի ցուցամատը, երբ նա աշխատում էր բռնել ինձ, ― այն մատը, որ շատ կարելուց քերիչի նման կոշտացել էր։

Գուցե ասելիքս ցնորք համարվի, բայց ինձ թվում է, թե մեզնից շատերը իրենց մանկության օրերից հիշում են ավելի շատ բան, քան կարծում են, և թե երեխաների դիտողության ձիրքը վերին աստիճանի զորեղ ու ճիշտ է։ Դիտելու ձիրքով հռչակված մարդկանց մասին կարելի է ասել, որ նրանք այդ շնորհքը պահպանել են մանկությունից, և ոչ թե հետո են ստացել․ ես նկատել եմ, որ ընդհանրապես այդ մարդիկ թարմ զգացմունք և զվարթ սիրտ ունեն, որ դարձյալ մանկությունից ժառանգած կլինեն։

Գուցե մեղադրեն ինձ, թե սիրում եմ «քարշ գալ» մտքով, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ վերոհիշյալ նկատողությունը մասամբ իմ անձանկան փորձի վրա է հաստատված, եթե հետևյալ պատմությունից երևա, որ ես մի սրատես մանչուկ եմ եղել և կամ այրական հասակումս էլ լավ եմ պահպանել իմ մանկության հիշատակները, ապա ուրեմն ես իսկապես իրավունք ունեմ պարծենալու այդ երկու ձիրքերով։

Դեպի մանկութայնս օրերը ետ նայելիս, ինչպես ասացի, տեսնում եմ, որ առարկաների խառնուրդից նախ և առաջ մայրս և Պեգգոտին են որոշակի պատկերանում մտքիս առջև։ Է՞լ ինչ եմ մտաբերում։ Հապա տեսնեմ։

Ահա անցյալի մշուշից որոշակի ջոկվում է մի տուն․ դա մեր տունն է, թեև հին, բայց միշտ հիշելի ինձ համար։ Գետնահարկում տեսնում եմ Պեգգոտիի խոհանոցը՝ դեպի բակը նայող դռնով․ բակի մեջտեղում՝ մի սյուն և դրա վրա մի աղավնաբույն՝ առանց աղավանիների․ դենը մի ընդարձակ շնաբույն՝ առանց շան․ հետո բազմաթիվ վիթխարի հավեր, որոնք ահարկու և ամեհի շարժումներով դեսուդեն են ման գալիս։ Ահա մի աքլոր, որ ձող է որոնում վրան թառելու և առանձին ուշադրությամբ վրաս է նայում, մինչ ես դողալով եմ դիտում նրան խոհանոցի պատուհանից․ ա՛հ, ինչպես չար էր այդ աքլորը։ Ահա երկար֊երկար վզով սագեր, որոնք շտապում են դեպի ինձ, երբ ես անցնում եմ վանդակի մոտով․ երազումս անգամ տեսնում եմ նրանց, ինչպես առյուծ է տեսնում երազում այն մարդը, որ վայրենի գազաններով է շրջապատված։

Ահա մի երկար նրբացնք Պեգգոտիի խոհանոցից մինչև տան ճակատի դուռը․ ի՜նչ անվերջ էր թվում նա ինձ։ Անլույս մառանը նրբանցքի մեջն է, և գիշերվա մթին, եթե ճրագ չունես ձեռքիդ, պետք է վազելով այնտեղից անցնես, որովհետև ով գիտե ինչեր կլինեն այն տակառների, կճուճների ու պուլիկների արանքում, որոնցից սապոնի, թուռշիի, պղպեղի, մոմի և սուրճի խառն հոտ է փչում։ Հետո գալիս է երկու սենյակ ― մեկը այն, ուր երեկոյան նստում ենք մայրիկս, ես և Պեգգոտին, որովհետև Պեգգոտին գրեթե միշտ մեզ հետ է, երբ մենք մենակ ենք և նա ազատ է իր գործից, և մյուսը՝ այն սենյակը, ուր հավաքվում ենք տոն օրերին։ Դա մի լայն դահլիճ է, որ ինձ, սակայն, դուր չի գալիս։ Տխուր բաներ է հիշեցնում ինձ այդ դահլիճը, որովհետև Պեգգոտին ինձ պատմել էր, ― չեմ հիշում ե՞րբ, բայց երևի մի դար առաջ, ― թե հորս թաղման հանդեսին այնտեղ են հավաքված եղել սևեր հագած հյուրերը։ Այդ սենյակում էր, որ մի կիրակի երեկո մայրիկս Ղազարի հարության պատմությունը կարդաց Պեգգոտիին և ինձ, և ես այնպես վախեցա, որ պետք համարեցին անկողնուց դուրս հանել ինձ և պատուհանից ցույց տալ այն լռիկ հանգստարանը, ուր բոլոր ննջեցյալները խաղաղ քնած էին պայծառ լուսնով լուսավորված դամբարաններում։

Ոչ մի տեղ ես չեմ տեսել այդ հանգստարանի դալարի պես կանաչ դալար, նրա ծառերի պես ստվերաշատ ծառեր, նրա շիրիմների պես լուռ շիրիմներ։ Ամեն առավոտ, հենց որ իմ անկողնու մեջ չոքելով դուրս եմ նայում, տեսնում եմ այնտեղ արածող գառներ, տեսնում եմ ինչպես փայլուն լույսը շողշողում է արեգակի ժամացույցի վրա և զարմանալով ասում ինքս ինձ․ «Մի՞թե ժամացույցը գոհ է, որ կարող է ժամանակ ցույց տալ այդ տխուր շրջակայքում»։

Ահա մեր վանդակապատ նստարանը եկեղեցում։ Ինչպե՜ս բարձր է նրա թիկունքը։ Նրա մոտի լուսամուտից կարելի է տեսնել մեր տունը, և առավոտյան ժամերգության ժամանակ Պեգգոտին անդադար աչքը ձգում էր դեպի մեր տունը, որ տեսնի, թե արդյոք գողեր չե՞ն մտել և կամ հրդեհ չի՞ պատահել։ Բայց Պեգգոտին չի ուզում, որ ես էլ նույնն անեմ, և նայելս նկատելուն պես աչքով սաստում է, որ միայն պաստորին մտիկ տամ։ Սակայն ես չեմ կարող շարունակ պաստորին նայել․ ես նրան լավ եմ ճանաչում առանց այն տարօրինակ սպիտակ բանի, որ նա հագած ունի, և վախենում եմ, որ միգուցե իր վրա ակնապիշ նայելս տեսնի և հանկարծ աղոթքն ընդհատելով հարցնի, թե ինչո՞ւ եմ այդպես նայում։ Բայց ի՞նչ անեմ։ Անտարակույս հորանջելը վատ բան է, սակայն չէ՞ որ հարկավոր է մի բան անել։ Ես էլ մորս եմ մտիկ տալիս, իսկ նա կարծես չի տեսնում ինձ։ Մտիկ եմ տալիս մոտիկ կանգնած երեխային, և նա ծամածռում է իր երեսը։ Մտիկ եմ տալիս գավթի միջով ներս թափանցող ճառագայթին և տեսնում մի մոլորված էակ ― չկարծեք թե մի մեղավոր մարդ, այլ մի ոչխար, որ մտադիր է եկեղեցի մտնել։ Դիտում եմ որմերի վրա փորագրված անունները և աշխատում մտածել նոր վախճանված մր․ Բոջերսի մասին և երեևակայել, թե արդյոք միստրիս Բոջերսը որքա՞ն լաց եղավ, երբ նրա մարդը զոհ գնաց երկարատև հիվանդության, որի դեմ բժիշկները չէին կարողացել դարման գտնել։ Հարցնում եմ ինձ․ արդյո՞ք դիմել էին մր․ Չիլիպին, և եթե նրա տված դեղն էլ զուր էր անցել, ապա կցանկանայի իմանալ, թե նա ի՞նչ զվարճություն էր զգում մր․ Բոջերսի տապանագիրը ամեն կիրակի կարդալիս։ Մր․ Չիլիպի սպիտակ փողկապը դիտելուց հետո՝ սկսում եմ բեմին մտիկ տալ։ Ի՞նչ լավ խաղալու տեղ կլիներ դա ինձ համար, ինչ լավ բերդ, եթե մի ուրիշ տղա նրա աստիճաններից բարձրանալով ուզենար ինձ պաշարել, և ես թավշե բարձեր ու ծոպեր շպրտեի նրա գլխին։ Այնինչ տոթից ու քահանայի թմրեցուցիչ մրմունջից աչքերս քիչ֊քիչ փակվում են, այլևս ոչինչ չեմ լսում և թրխկալով գլորվում եմ նստարանից։ Երկյուղից համարյա թե մեռած եմ։ Պեգգոտին վերցնում է ինձ ու տուն տանում։

Այժմ տեսնում եմ մեր տան ճակատը․ ննջարանի բաց պատուհաններից բուրավետ օդ է ներս մտնում․ որորների հին բները դեռ ճոճվում են պտղիների գագաթին։ Ահա տան ետևի այգումն եմ՝ այն բակից դուրս, ուր գտնվում է աղավնանոցն ու շան բույնը․ դա կատարելապես թիթեռների աշխարհ է՝ բարձր ցանկապատով և փակ դռնով։ Ծառերը բեռնավորված են առատ ու հասուն պտուղներով, որոնց նմանը ուրիշ ոչ մի այգում չկա․ մայրս քաղում էր մի քանի հատ և քթոցն ածում, մինչ ես նրա մոտ կանգնած, թաքուն թռցնում եմ մի քանի հաղարջ, անշարժ նայում հեռուն։ Քամիները սկսվում են, և ամառը փախչում է։ Ձմեռվա երեկոները մենք խաղում ենք ներքևի հարկում և պար գալիս։ Բազկաթոռի մեջ նստելուց հոգնելով՝ մայրիկս սկսում է մատներին փաթաթել իր ցոլուն մազերը և շտկել ճկուն իրանը, և թե որքան գոհ է այդպես սիրուն լինելուց, ոչ ոք չգիտի այդ՝ ավելի լավ, քան ես։

Դրանք են իմ ամենահին հիշատակները․ և եթե ավելացնեմ, որ մենք կարծես մի քիչ վախենում էինք Պեգգոտիից և շատ բաներում նրա կամքին հետևում, ― այդ կլինի ամենաառաջին կարծիքս, եթե միայն կարելի է դա կարծիք համարել։

Մի երեկո Պեգգոտին և ես մենակ նստած էինք դահլիճի վառարանի մոտ։ Ես նրա համար կարդում էի մի պատմություն՝ կոկորդիլոսների մասին։ Կամ ես էի շատ պարզ կարդում և կամ նա էր անչափ հետաքրքիր, համենայն դեպս, այնքանը կարող եմ հիշել, որ ունկընդիրս մի աղոտ տպավորություն ստացավ, այն է՝ թե կոկորդիլոս ասածդ մի տեսակ բույս է։ Ես հոգնել էի կարդալուց, և քունս սաստիկ տանում էր․ բայց որովհետև այդ երեկո, իբրև մի առանձին շնորհ, իրավունք էին տվել ինձ մի հարևան կնոջ մոտ հյուր գնացած մորս վերադարձին սպասելու, ― ես կգերադասեի մեռնել աթոռիս վրա մնալով, քան թե անկողին մտնել։ Ինչքան թմբրությունս սաստկանում էր, այնքան Պեգգոտին մեծացած և ուռած էր երևում ինձ։ Ես փորձում էի երկու մատով բանալ աչքերս և անքթիթ նայել Պեգգոտիի վրա, որ փութաջան կարում էր․ դիտել նրա մեղրամոմի կտորը, որով թելը մոմում էր ― ինչքա՜ն կնճռոտ գծեր կային վրան և որքան հին պետք է լիներ այդ կտորը․ դիտել նրա նախշուն խփով հարդե կողովը, ուր պահում էր իր մետրաչափը․ փոքրիկ տուփը՝ դուրս քաշվող կափարիչով, որի վրա նկարված էր ս․ Պողոսի տաճարը՝ կարմիր ներկված գմբեթով․ պղնձե մատնոցը և վերջապես իր դեմքը, որ շատ սիրուն էր երևում ինձ։ Քունս այնպես էր տանում, որ եթե մի վայրկյան դադարեի աչքերս ճոթռել, բանս արդեն պրծած էր։ Հանկարծ՝

― Պեգգոտի, ― ասացի ես, ― դու երբևիցե ամուսնացած եղե՞լ ես։

― Մեղա քեզ տեր, ― գոչեց Պեգգոտին։ ― Որտեղի՞ց միտքդ ընկավ այդպիսի բան, մաստր Դեվի։

Եվ այնպես սաստիկ ասաց այդ, որ ես իսկույն սթափվեցի։ Նա վայր դրեց կարը և շեշտակի վրաս նայեց, ասեղի թելը մինչև ծայրը քաշելով։

― Ամուսնացած եղե՞լ ես թե ոչ, Պեգգոտի, ― կրկնեցի ես։ ― Դու գեղեցիկ կինարմատ ես։

Թեև Պեգգոտին բոլորովին ուրիշ գեղեցկություն ուներ, քան մայրիկս, բայց նա էլ ինձ իր տեսակում չքնաղ էր թվում։ Մեր դահլիճում մի աթոռակ կար ծիրանի թավշե երեսով, որի վրա մայրս մի ծաղկեփունջ էր նկարել։ Այդ աթոռի երեսը և Պեգգոտիի գույնը միանգամայն իրար նման էին։ Թավիշը փափուկ էր, Պեգգոտին կոշտ, բայց դրանից բանի էությունը չէր փոխվում։

― Ես գեղեցի՞կ, ա՛յ Դեվի, ― ասաց Պեգգոտին։ ― Չէ, որդի ջան։ Բայց ո՞ր քամին խելքիդ փչեց ամուսնության մասին հարցնել։

― Չգիտեմ։ Միանգամից հո երկու մարդ ունենալ չի կարելի, չէ՞, Պեգգոտի։

― Իհարկե չէ, ― հաստատ կերպով պատասխանեց Պեգգոտին։

― Բայց եթե մարդը մեռնի, չէ՞ որ կարելի է մեկ ուրիշին գնալ, Պեգգոտի։

― Կարելի է, ով ինչպես ուզենա։

― Իսկ դու ինչպե՞ս կուզենայիր, Պեգգոտի։

Այդ հարցնելիս ես ուշադրությամբ նայեցի նրան, ինչպես որ նա էր ինձ նայում։

― Իմ կարծիքը, ― ասաց Պեգգոտին, աչքերն ինձնից դարձնելով և փոքր֊ինչ վարանելուց հետո՝ կարը նորից սկսելով, ― կարծիքս այն է, մաստր Դեվի, որ ես երբեք ամուսնացած չեմ եղել, երբեք էլ մարդու գնալու չեմ․ ես այսքանը միայն գիտեմ։

― Մի՞թե նեղացար վրաս, Պեգգոտի, ― հարցրի ես՝ մի րոպե լուռ նստելուց հետո։

Կարծեցի, թե իրոք նեղացել է, որովհետև շատ կարճ կտրեց իմ խոսքը։ Բայց սխալվում էի․ նա ձեռագործը (դա մի կարկատվող գուլպա էր) մի կողմ դրեց, ձեռքերը մեկնեց և ամուր տրորեց իմ գանգրահեր գլուխը։ Ասում եմ՝ ամուր տրորեց, որովհետև, երբ նա ուժգին շարժումներ էր անում, նրա զգեստի կոճակներից մի քանիսը թռչում էին մարմնի գեր լինելուց։ Եվ ես հիշում եմ, որ մինչ նա ինձ գգվում էր, այդ կոճակներից երկու հատը ճայթելով պոկ եկան և սենյակի մյուս կողմը թռան։

― Դեհ, այժմ էլի մի բան կարդա կոկորդիլոսների մասին, ― ասաց Պեգգոտին, որ դեռ լավ չէր ըմբռնել այդ բառը, որովհետև ես չեմ սիրում որևէ բան կիսատ լսել։

Ես բնավ չէի հասկանում, թե ինչո՞ւ Պեգգոտին այնպիսի խորամանկ աչքով նայեց վրաս և կամ ինչո՞ւ հանկարծ կոկորդիլոսների մասին բան լսելու փափագ զգաց։ Ինչևիցե, մենք նոր եռանդով վերադարձանք դեպի այդ հրեշները․ մեկ թաղում էինք նրանց ձվերն արևակեզ ավազի մեջ, որ ձագեր դուրս գան, մերթ գրգռում էինք նրանց և փախչում ոլոր֊մոլոր տեղերով, մինչ նրանք, իբրև ծանրամարմին հրեշներ, չէին կարող այդ անել․ մեկ էլ բնիկների նման ջուրն էինք նետվում նրանց հետևից և տեգեր մխում նրանց երախը։ Մի խոսքով, կոկորդիլոսների պատմությունը գրեթե անգիր գիտեինք․ գոնե ես գիտեի, եթե ոչ Պեգգոտին, որ կարծես մտքերի մեջ խորասուզված լինելուց մի քանի անգամ ասեղով ծակեց իր մատներն ու ձեռքերը։

Կոկորդիլոսներին թողած, արդեն անցել էինք ալիգատորներին, երբ պարտեզի դռան զանգակը հնչեցրին։ Իսկույն ելանք դեպի դուռը․ եկողը մայրս էր, որն այդ երեկո ավելի սիրուն երևաց ինձ, քան երբևիցե, և նրա հետ գալիս էր սև մազերով ու կարճ մորուքով մի պարոն, որ դեռ անցյալ կիրակի մեզ հետ միասին մեր տուն էր եկել եկեղեցուց։

Երբ մայրիկս շեմքի վրա կանգ առավ ինձ մի համբյուր տալու, պարոնն ասաց, թե թագավորն էլ ինձնից ավելի երջանիկ չէ, և կամ նման մի բան։

Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը, ― հարցրի ես պարոնին մորս ուսերի ետևից։

Նա գլուխս շոյեց, բայց նրա ձայնն ու կերպարանքը, չգիտեմ ինչու, դուր չեկան ինձ, և ես նեղացա, որ ինձ գգվեցիս նա, մորս ականջն էլ շոշափեց։ Ես նրան բոլոր ուժերով ետ հրեցի։

― Ա՛յ Դեվի, ― նկատեց մայրիկս։

― Սիրուն մանկիկ, ― ասաց պարոնը։ ― Չեմ զարմանում, որ նա նախանձում է։

Ոչ մի ժամանակ մորս երեսն այդպես վարդագույն չէի տեսել։ Նա թեթև հանդիմանեց իմ կոպտությունը և իր շալի մեջ փաթաթելով ինձ, շնորհակալություն հայտնեց պարոնին, որ նեղություն էր կրել մինչև մեր տուն հասցնել իրեն։ Մնաս բարով ասելիս՝ նա աջը մեկնեց պարոնին և կարծեմ այդ միջոցին վրաս նայեց։

― Դե, դու էլ ինձ բարի գիշեր ասա, սիրուն տղա, ― ասաց պարոնը, կռանալով, որ համբուրի մորս ձեռքը։ (Այդ ես լավ նկատեցի)։

― Բարի գիշեր, ― ասացի ես։

― Եկ, բարեկամանանք, ― ասաց պարոնը ծիծաղելով։ ― Եկ մեկմեկու ձեռք թոթվենք։

Աջ ձեռքս մայրիկիս ձախ ձեռքումն էր․ ես մեկնեցի մյուսը։

― Բայց դա ձախն է, Դեվի, ― ծիծաղեց պարոնը։

Մայրս արձակեց աջ ձեռքս, բայց ես վճռել էի չմեկնել աջը, և ձախ ձեռքս տվի պարոնին։ Նա ամուր սեղմեց, ասելով թե քաջ տղա եմ և հեռացավ։

Հիմա էլ տեսնում եմ, թե ինչպես նա պարտեզի մեջ երեսը ետ դարձրեց և դռնակից դուրս գնալիս՝ իր չարագուշակ սև աչքերով մի վերջին ակնարկ ուղղեց մեզ։

Պեգգոտին, որ այդ միջոցին անշարժ ու լուռ կանգնած էր, իսկույն փեղկերը փակեց, և մենք մտանք դահլիճ։ Մայրիկս փոխանակ վառարանի առաջ նստելու, ինչպես որ միշտ անում էր, տեղ բռնեց սենյակի մյուս ծայրում, մի ինչ֊որ երգ մրմնջալով։

― Հուսամ, տիկին, որ լավ անցկացրիք այս երեկոն, ― ասաց Պեգգոտին, որ մոմակալը ձեռքին, տակառի պես անշարժ կանգնած էր ճիշտ սենյակի մեջտեղը։

― Շատ շնորհակալ եմ, Պեգգոտի, ― պատասխանեց մայրս զվարթ ձայնով, ― շա՜տ ուրախ երեկո էր։

― Ինչևիցե, նոր մարդու հետ ծանոթանալը մի դուրեկան փոփոխություն է։

― Այո՛, շատ հաճելի, ― նկատեց մայրս։

Պեգգոտին դարձյալ անշարժ մնաց սենյակում, մայրիկս նորից սկսեց երգել, իսկ իմ վրա քուն եկավ, և ես նիեհեցի, և նիրհիս մեջ ձայներ էի լսում, բայց ոչ այնքան պարզ, որ ասածները հասկանայի։ Եվ երբ սթափվեցի այդ կիսարթուն դրությունից, տեսա, որ Պեգգոտին ու մայրս արտասվել էին։

― Չեմ կարծում, որ մի այդպիսի պարոն դուր գար մր․ Կոպպերֆիլդին, ― ասաց Պեգգոտին, ― երդում եմ անում, որ դուր չէր գա։

― Տեր ողորմյա, ― գոչեց մայրս, ― դու ուզում ես խելագարության հասցնել ինձ։ Արդյոք աշխարհիս երեսին կգտնվի՞ ինձ նման մի թշվառ աղջիկ, որ այնքան տանջանք կրեր իր աղախնուց։ Բայց ինչո՞ւ եմ աղջիկ անվանում ինձ։ Չէ՞ որ ես ամուսնացած էի, Պեգգոտի։

― Երկինքը վկա, ― պատասխանեց Պեգգոտին։

― Ուրեմն ինչպե՞ս համարձակվեցիր, ― ասաց մայրիկս, ― ուզում եմ ասել՝ ինչպե՞ս սիրտ արիր, Պեգգոտի, այնքան կոպիտ, այնքան դառն բաներ ասել երեսիս, մինչ լավ գիտես, որ այս տանից դուրս մի բարեկամ չունեմ, որին դիմել կարենայի։

― Հենց դրա համար էլ կասեմ, տիկին, որ այդ բանը ձեզ վայել չէ։ Ո՛չ, վայել չէ։ Ինչ էլ ասեք, վայել չէ։ Ո՛չ։

Պեգոտտին տաքանալով մոմակալն այնպես շարժեց, որ ես կարծեցի, թե գետնովը կտա։

― Գութ չունես, դու, որ այդպիսի անարդար բաներ ես ասում, ― շարունակեց մայրս, ավելի ուժգին լաց լինելով։ ― Ինչպես ես սիրտ անում, Պեգգոտի, կարծել, թե բանն արդեն վերջացել է, քանի որ ես քեզ, այ անիրավ, հազար անգամ կրկնել եմ, թե մի աննշան քաղաքավարությունից ուրիշ ոչինչ չի պատահել։ Դատարկ֊դատարկ խոսում ես հիացման մասին։ Ես ի՞նչ անեմ դրա դեմ։ Եթե մարդիկ այնքան հիմար են, որ հիանում են ինձանով, մի՞թե ես եմ մեղավոր։ Հարցնում եմ քեզ, ես դրա դեմ ի՞նչ կարող եմ անել։ Մի՞թե ուզում ես, որ գլուխս սափրեմ, երեսիս մուր քսեմ և կամ դեմքս եռման ջրով կամ կրակով և կամ մի ուրիշ այդպիսի բանով այլանդակեմ։ Գիտեմ, Պեգգոտի, քո ուզածն էլ հենց այդ է։ Համոզված եմ, որ կուրախանայիր այդ բանից։

Կարծեմ, այդ ամբաստանությունը սաստիկ դիպավ Պեգգոտիի սրտին։

― Իսկ այս սիրուն որդյակս, ― գոչեց մայրս, բազկաթոռիս մոտենալով ու գգվելով ինձ։ ― Իմ Դեվիս։ Ո՞ր քարասիրտը կհամարձակվի ակնարկել, թե ես սեր չունեմ այս հրեշտակիս համար, այս անգին գանձիս համար, որի նմանը դեռ չի եղել աշխարհում։

― Այդպիսի ակնանրկ երբեք ոչ ոք չի արել, ― ասաց Պեգգոտին։

― Հենց դու արիր, Պեգգոտի, ― պատասխանեց մայրիկս։ ― Ինքդ էլ գիտես, որ արիր։ Քա խոսքերից ուրիշ ի՞նչ կարելի էր հասկանալ, ա՛յ անսիրտ․ այնինչ դու էլ ինձ նման լավ գիտես, որ ես միայն սրա սիրուն անցյալ ամսին նոր հովանոց չգնեցի ինձ համար, թեև հինը արդեն մաշվել է և շղարշը գզգզվել։ Այս բանը հո լա՞վ գիտես, հո չե՞ս կարող ուրանալ։

Այնուհետև մայրիկս գորովանքով դարձավ ինձ և իր թուշը իմ թշին դնելով՝ ասաց․

― Ես քեզ համար փի՞ս մայրիկ եմ, Դեվի ջան։ Ես մի անգութ, անսիրտ, ինքնասեր, չար մայրի՞կ եմ քեզ համար։ Դե ասա «այո», ասա որդի ջան, և Պեգգոտին քեզ կսիրի։ Նրա սերը հո իմից ավելի կարժի, Դեվի։ Ես քեզ իսկի չեմ սիրում, չէ՞։

Այստեղ մենք բոլորս միասին լաց եղանք։ Հիշում եմ, որ ամենից ավելի ճվացողը ես էի, բայց երեքս էլ սրտանց էինք լաց լինում։ Ես իսպառ հուսահատվել էի և կարծեմ վրդովված սրտիս հենց առաջին հուզմունքից «չար գազան» անվանեցի Պեգգոտիին։ Պատվական արարածը սաստիկ վշտացավ և հավանական է, որ այս առթիվ նրա շրջազգեստը բոլորովին անկոճակ մնաց, որովհետև երբ նա մորս հետ հաշտվելուց հետո՝ ինձ հետ էլ հաշտվելու համար բաղկաթոռիս մոտ չոքեց, կոճակները դեսուդեն թռան մի սոսկալի ճայթյունով։

Բոլորս էլ միանգամայն ընկճված սրտով գնացինք քնելու։ Հեկեկանքս երկար ժամանակ արգելում էր ինձ քուն մտնել և երբ մի անգամ ես հեծկլտանքով անկողնուս մեջ ցնցվեցի, տեսա, որ մայրս նստած է իմ կողքին, գլուխը վրաս խոնարհած։ Ես քուն մտա նրա գրկում և շատ խոր քնեցի։

Հետևյա՞լ կիրակին էր արդյոք կամ ավելի ուշ, լավ չեմ հիշում, ես նորից տեսա այն պարոնին։ Օրերը մտքիցս ընկել են։ Բայց նա եկեղեցումն էր և հետո դուրս ելավ մեզ հետ միասին։ Նա մեր տունը եկավ, մեզ հետ էլ ներս մտավ, պատճառ բռնելով, թե ուզում է տեսնել մեր գեղեցիկ կռնկենին (geranium), որ փթթում էր դահլիճի պատուհանում։ Չեմ ասի, թե նա շատ հետաքրքրվեց այդ բույսով, սակայն հեռանալուց առաջ մորս խնդրեց մի ծաղիկ շնորհել իրեն։ Մայրս առաջարկեց, որ նա ինքն ընտրի մի հատ, բայց նա մերժեց, չգիտեմ ինչո՞ւ, և այն ժամանակ մայրս մի փոքրիկ ոստ պոկեց և նրան տվեց։ Պարոնն ասաց, թե երբեք չի բաժանվի այդ պարգևից․ և նա ինձ հիմար երևաց, որովհետև մի՞թե չգիտեր, որ ծաղիկը մի երկու օրից հետո կթառամի։

Պեգգոտին սկսել էր երեկոներն առաջվանից սակավ նստել մեզ հետ։ Մայրս այժմ հարգանքով էր վարվում նրա հետ և կարծես ավելի մեծ հարգանքով, քան թե առաջ, և մենք երեքս մտերիմ էինք իրար հետ․ բայց և այնպես այն չէինք, ինչ որ առաջ, նախկին զվարթությունն անհետացել էր մեր միջից։ Երբեմն ինձ թվում էր, թե Պեգգոտին դժգոհ էր, որ մայրս սկսել էր հագնել պահարանի ամենաշքեղ զգեստները և կամ թե շուտ֊շուտ գնալ դրացուհու մոտ․ բայց ես չէի կարողանում լավ հասկանալ, թե ինչու էր դժգոհ։

Հետզհետե ես ընտելացա սևամորուս պարոնին։ Այժմ էլ նա ինձ սիրելի չէր, այժմ էլ ես նրան նախանձում էի․ բայց թե լոկ մանկական բնազդից և անորոշ զգացումից զատ, թե մայրիկիս սիրելու համար ես ու Պեգգոտին այդ մարդու օգնության կարոտ չէինք, ես մի ուրիշ պատճառ էլ ունեի խորշելու նրանից կամ զզվելու, ― այդ պատճառը դեռ մատչելի չէր տհաս մտքիս։ Առժամանակ ես միամիտ էի։ Ես կարող էի միայն մանր֊մունր բաներ դիտել, բայց դեռ ուժիցս վեր էր այդ մանրիկ բաներից մի այնպիսի ուռկան հյուսել, որ ես դրանով մարդ բռնեի։

Մի աշնան առավոտ, մինչ ես ու մայրս նստած էինք մեր պարտեզում, հանկարծ տեսանք մր․ Մեորդստոնին (արդեն գիտեի նրա անունը) ձի հեծած դեպի մեզ գալիս։ Նա կանգ առավ, մորս ողջունեց և ասաց, թե Լոռուստոֆտ է գնում նավակով զբոսնող բարեկամներին տեսնելու, և հետո զվարթ֊զվարթ առաջարկեց ինձ իր թամբի առջև նստեցնել, եթե միայն ուզենամ։

Եղանակն այնպես ախորժելի ու պարզ էր, և ձին քայլելու եռանդից այնպես կայտառ փռնչում էր և դոփում ցանկապատի առջև, որ ես էլ գնալու փափագ զգացի։ Մայրս վերև ուղարկեց ինձ, որ Պեգգոտին շորերս փոխի․ այդ միջոցին մր․ Մեորդստոնը ձիուց իջավ և երասանը բռնելով սկսեց հանդարտ դեսուդեն քայլել քսուկի (aube՛pine) ցանկապատի դրսի կողմից, մինչև մայրս կամաց ման էր գալիս ներսի կողմից։ Պեգգոտին ու ես մի փոքրիկ լուսամուտից դիտում էինք նրանց․ նրանք կռացան՝ իրենց բաժանող քսուկի ցանկապատն ավելի մոտիկից զննելու համար, և Պեգգոտին, որ մինչ այդ վայրկյանը հրեշտակի պես զվարթ էր, հանկարծ այնպես չարացավ, որ ձեռքի խոզանակը սկսեց մազերիս ներհակ կողմը շարժել, այն էլ չափազանց բիրտ կերպով։

Վերջապես մր․ Մեորդստոնը և ես ճանապարհ ընկանք, և ձին թեթևաքայլ առաջ գնաց մարգագետնով։ Պարոնը բռնել էր ինձ մի ձեռքով, և ես թեպետ անհանգիստ տղաներից չէի, բայց և այնպես անդադար ուզում էի ետ նայել նրա երեսը դիտելու համար։ Նա ուներ, եթե կարելի այսպես ասել, սևորակ ծանծառ աչքեր, դժվարանում եմ ավելի հարմար բառ գտնել բնորոշելու այն աչքերը, որոնք այնքան խորություն չունեն, որ հայացքը նրանց մեջ ընկղմես, ― աչքեր, որոնք այս կողմ այն կողմ դառնալիս երբեմն շիլ էին երևում։ Երբ ես թաքուն դիտում էի նրան, վրաս մի տեսակ ահ էր գալիս, և զարմանալով հարցնում էի ինձ՝ թե արդյոք ի՞նչ է նրա մտամոլոր թարթափանքի պատճառը։ Նրա մազերը և մորուքը մոտիկից նայելիս ավելի խիտ և ավելի սև էին երևում։ Դեմքի ստորին մասը բոլորովին քառակուսի էր, իսկ կզակը, որ ամեն օր թրաշվելուց սև֊սև կետերով էր ծածկվել, հիշեցնում էր ինձ ճիշտ այն մոմե պատկերը, որ կես տարի առաջ ցույց էին տվել մեր գյուղում։ Նրա կանոնավոր հոնքերը, երեսի սպիտակ գույնը, սև մազերն ու բծերը ― սատանան տանի այդ բոլորը և նրա հիշատակը ― ստիպում էին չնայելով իմ երկբայության, խոստովանել որ նա գեղեցիկ տղամարդ է։ Հավաստի եմ, որ խեղճ մայրս էլ միևնույն կարծիքին էր։ Մենք հասանք մի ծովեզրյա պանդոկի, ուր երկու պարոն մի առանձին սենյակում սիգար ծխելով փռված էին առնվազն չորս աթոռի վրա․ երկուսն էլ հասարակ ժաքետով էին։ Մի անկյունում խառնիխուռն դիզված էին զանազան շորեր, նավորդի վերարկուներ և մի դրոշակ։

Մեր ներս մտնելուն պես նրանք աշնորհք կերպով տեղերից թռան ու գոչեցին․

― Հե՜յ, Մեորդստոն, կարծում էինք, թե մեռել ես։

― Դեռ ոչ, ― ասաց մր․ Մեորդստոնը։

― Իսկ այդ տղան ո՞վ է, ― հարցրեց պարոններից մեկը, ինձ բռնելով։

― Սա Դևին է, ― պատասխանեց մր․ Մեորդստոնը։

― Ո՞ր Դեվին, ― հարցրեց միևնույն պարոնը։ Դեվի Ջոնսը՞։

― Դեվի Կոպպերֆիլդը, ― ասաց մր․Մեորդստոնը։

― Ի՞նչ։ Այն հրապուրիչ միստրիս Կոպպերֆիլդի բեռն ու դա՞րդը, ― գոչեց պարոնը, ― այն փոքրիկ ու սիրուն այրիի՞։

― Քինիոն, ―ասաց մր․ Մեորդստոնը, ― զգույշ կացեք, լսող կա։ Մի չարաճճի ականջ է դնում։

― Եվ ո՞վ է այդ չարաճճին, ― հարցրեց պարոնը ծիծաղելով։

Ես իսկույն գլուխս բարձրացրի իմանալու, թե ո՞վ է։

― Շեֆիլդցի Բրուքսը, ― ասաց մր․ Մեորդստոնը։

Ես ուրախացա, լսելով, որ չարաճճին շեֆիլդցի Բրուքսն է, որովհետև սկզբում կարծել էի, թե ես եմ։

Երևի թե այդ շեֆիլդցի Բրուքսը մի շատ ծաղրելի համբավ ուներ, որ նրա անունը հիշվելուն պես երկու պարոնն էլ քահ֊քահ ծիծաղեցին, մր․ Մեորդստոնն էլ նույնը արեց։ Այդ քրքիջից հետո Քինիոն կոչվող պարոնն ասաց․

― Եվ ի՞նչ է մտածում շեֆիլդցի Բրուքսը առաջիկա գործի մասին։

― Չեմ կարծում, որ Բրուքսը այդ գործից շատ բան հասկանա, ― պատասխանեց մր․ Մեորդստոնը․ ― բայց երևի թե ընդհանրապես հավան չէ։

Նորից քրքիջ բարձրացավ, և մր․Քինիոնն ասաց, թե մի շիշ շերրի կապսպրե Բրունքսի կենացը խմելու համար։ Եվ երբ գինի բերին, նա ինձ էլ մի քիչ առաջարկեց, հետն էլ բիսքվիթ և իմ խմելուց առաջ ոտքի ելավ ու ասաց․ «Կորչի այդ շեֆիլդցի Բրուքսը»։ Բաժակը թունդ ծափահարությամբ և այնպիսի զվարթ ծիծաղով ընդունվեց, որ ես էլ սկսեցի ծիծաղել, իսկ նրանք ավելի քրքջացին։ Մի խոսքով բոլորս էլ շատ ուրախ էինք։

Ծովափի ժայռերում մի պտույտ անելուց հետո, նստեցինք արոտի վրա, սկսեցինք հեռադիտակով աչքի անցնել շրջակայքը։ Երբ դիտակն ինձ էին տալիս, ես ոչ մի բան չէի կարողանում նշմարել, թեև ասում էի, որ լավ եմ տեսնում․ այնուհետև պանդոկ վերադարձանք ճաշելու։ Այն երկու պարոններն անդադար ծխում էին, և ես ժաքետների կծու հոտից հետևացնում էի, թե այդ հագուստների կարելուց ի վեր պարոնները ուրիշ ոչինչ չեն արել, բացի ծխելուց։ Չմոռանամ ասել, որ ճաշից հետո մենք նավ մտանք, ուր նրանք երեքն էլ խցիկն իջան և սկսեցին թղթեր զննել․ նավի հարկից ներքև նայելիս ես նկատեցի, որ նրանք շատ են զբաղված։ Այդ միջոցին ինձ թողել էին մի շիկահեր և զվարճալի մարդու հետ, որ իր ահագին գլխի վրա մի փոքրիկ փայլուն գլխարկ էր կրում, իսկ շերտավոր շապկի կրծքին մեծ տառերով մակագրված էր «Արտուտիկ»։ Կարծեցի թե այդ նրա անունն է, չէ՞ որ միշտ նավի վրա է բնակվում և տուն չունի, որ իր անունը դռան վրա գրի․ երևի այդ պատճառով է լանջին գրել։ Բայց երբ ես նրան «Արտուտիկ» անվանեցի, նա ասաց, թե այդ իր անունը չէ, այլ նավինը։

Ամբողջ օրը նկատում էի, որ մր․ Մեորդստոնը մյուս երկու պարոններից ավելի լուրջ ու ծանր է։ Նրանք շատ կայտառ ու անհոգ էին․ իրար հետ համարձակ կատակ էին անում, բայց նրա հետ՝ շատ սակավ։ Ինձ թվում էր, թե նա մյուսներից ավելի հնարագետ և զգուշամիտ է, և թե նրանք էլ ինձ նման ահ են զգում նրանից։ Նշմարեցի նաև, որ մր․ Քինիոնը ինչ֊որ բան պատմելիս, երկու անգամ աչքի ծայրով մր․ Մեորդստոնին նայեց, կարծես ստուգելու, թե չի՞ բարկանա արդյոք․ մի անգամ էլ, երբ մր․ Պեսնիգը (մյուս պարոնը) սկսել էր անչափ եռանդուն խոսել, մր․ Քինիոնը ոտքով հրեց նրան և աչքով թաքուն նշան արեց ուշքը դարձնելու մր․ Մեորդստոնին, որ լուռումունջ նստած էր։ Չեմ կարող մտաբերել, որ մր․ Մեորդստոնը ամբողջ օրվա ընթացքում գեթ մի անգամ ծիծաղած լիներ, բացի շեֆիլդցի Բրուքսին հիշելիս, որի մասին հենց ինքն էր կատակ արել։

Երեկոյան դեմ տուն վերադարձանք․ հրաշալի երեկո էր։ Մայրիկս և մր․ Մեորդստոնը դարձյալ մի անգամ զբոսանք արին քսուկի ցանկապատի երկայնքով, մինչ ես թեյ էի խմում։ Պարոնի մեկնելուց հետո, մայրիկս ինձ պատմել տվեց, թե այն օրն ինչպե՞ս անցկացրի և կամ թե նրանք ի՞նչ խոսեցին և արին։ Պատմեցի, ինչ որ լսել էի իր մասին, և նա ծիծաղելով ասաց, թե այն պարոններն անամոթ ու վայրահաչ մարդիկ են․ սակայն ես տեսա և զգացի, որ պատմածս իրեն դուր եկավ։ Ինչպես որ ես գիտեմ այսօր, այնպես էլ ճիշտ այն օրը գիտեի, որ գուշակությունս ուղիղ էր։ Այս առթիվ հարցրի նրան, թե արդյոք ճանաչո՞ւմ է շեֆիլդցի Բրուքսին․ նա պատասխանեց, թե ոչ, միայն կարծում է, թե այդ մարդը մի դանակ շինող կլինի։

Ինչպե՞ս ասեմ, որքան էլ հավաստի լինի, մայրիկիս դեմքն արդեն վաղուց փոխված է, արդեն չկա, այլևս գոյություն չունի, մինչ ես այս րոպեիս էլ պարզ տեսնում եմ նրան ճիշտ այնպես, ինչպես որ փողոցով անցնող յուրաքանչյուր անձի դեմք։ Ինչպե՞ս ասեմ, թե նրա անմեղ ու կուսական գեղեցկությունը թառամած է ու կորած, քանի որ նրա շունչը մինչև այսօր էլ դիպչում է թշիս, ինչպես դիպել էր այն երեկո։ Կարելի՞ է միթե ասել, , թե նա ընդմիշտ փոխված է, մինչ իմ սիրտը, մանկական զգացումներիս հավատարիմ, միայն այդպես է հիշում նրան և այսօր էլ սրբությամբ պահում այն, ինչ֊որ երբեմն սիրել էր։

Մորս մասին գրելիս ես ճիշտ այնպես եմ երևակայում նրա պատկերը, ինչպես որ ես այն երեկո, երբ մեր խոսակցությունը վերջանալուց հետո՝ ես գնացի քնելու, իսկ նա եկավ բարի գիշեր ասելու ինձ։ Նա զվարթ֊զվարթ չոքեց անկողնուս մոտ և կզակը ձեռքերի վրա դնելով ու ժպտալով ասաց․

― Հապա կրկնիր Դեվի ջան, ի՞նչ ասացին իմ մասին։ Հավատալս չի գալիս։

― Հրապուրիչ․․․ ― սկսեցի ես։

Մայրիկս ձեռքը շրթունքներիս դրեց, որ լռեմ։

― Հրապուրիչ չէ, ― ասաց նա ծիծաղելով։ ― Անկարելի է, Դեվի, որ հրապուրիչ ասած լինեն։ Հաստատ գիտեմ, որ այդպես չէ։

― Բայց ասացին՝ հրապուրիչ միստրիս Կոպպերֆիլդ, ― կրկնեցի ես շեշտելով։ ― Եվ սիրուն։

― Չէ՛, չէ՛, սիրուն չէր լինի նրանց ասածը։ Իսկի սիրուն չէր լինի, ― ընդհատեց մայրս, դարձյալ մատները իմ շրթունքին դնելով։

― Եվ սիրուն ու փոքրիկ այրին։ Հենց այդպես։

― Ա՜խ, ի՜նչ անամոթ, ի՜նչ հիմար մարդիկ են եղել, ― գոչեց մայրս և ծիծաղելով երեսը ծածկեց։ Ի՜նչ անշնորհք մարդիկ են եղել, չէ՞, Դեվի։

― Այո՛, մայրիկ։

― Բայց տես, այդ մասին բան չպատմես Պեգգոտիին․ նա կբարկանա նրանց վրա։ Ես էլ սաստիկ բարկացած եմ, բայց կուզենայի, որ Պեգգոտին բան չիմանար։

Ես, իհարկե, խոսք տվի։ Մենք մի քանի անգամ իրար ամուր համբուրեցինք, և հետո ես անուշ քուն մտա։

Կարծեմ հաջորդ օրն էր, այսքան ժամանակ անցնելուց հետո, լավ չեմ հիշում, որ Պեգգոտին ինձ այն զարմանալի ու համարձակ առաջարկությունն արավ, որի մասին այժմ պիտի խոսեմ․ բայց այդ դեպքը գուցե և երկու ամսից հետո էր պատահել։

Առաջվա պես մի երեկո նա ու ես նստած էինք (մայրիկս դարձյսլ տանը չէր) գուլպայի և մետըաչափի, մեղրամոմի, սուրբ Պողոսի պատկերով կափարիչ ունեցող փոքրիկ տուփի և կոկորդիլոսների գրքի հետ միասին, երբ Պեգգոտին, մի քանի անգամ վրաս նայելուց և բերանը իբր թե խոսելու համար, բայց առանց բան ասելու բանալուց հետո, ― որից հարկավ կվախենայի, եթե չկարծեի, թե նա միայն հորանջում է, ― վերջապես ասաց փաղաքշանքով․

― Մաստր Դեվի, լավ չէ՞ր լինի, որ երկուսս միասին մի երկու շաբաթով Յարմաուտ գնայինք եղբորս մոտ։ Ինչպե՞ս լավ քեֆ կանեինք։

― Եղբայրդ բարի՞ մարդ է, ― հարցրի ես։

― Մի գիտենայիր, թե որքա՜ն բարի, ― գոչեց Պեգգոտին, ձեռքերը բարձրացնելով։ ― Հապա ծո՞վը, նավակնե՞րը, ծովա՞փը, հապա Է՞մը, որ սիրով քեզ հետ խաղ կաներ․․․

Պեգգոտին ակնարկում էր իր Հեմ քեռորդուն, որ արդեն հիշված է առաջին գլխում, բայց այնպես հնչեցնելով նրա անունը, որ կարծես մի էական բայ լիներ։[6]

Ես հրապուրվեցի այդ զբոսանքի հեռանկարով և պատասխանեցի, թե իրոք կուզենայի գնալ, բայց մայրիկս թույլ կտա՞։

― Մի գինեի վրա գրազ կգամ, ― ասաց Պեգգոտին, ուշադիր վրաս նայելով, ― որ թույլ կտա։ Եթե կամենաս, հենց որ տուն գա, հարցնեմ իրեն։ Ի՞նչ կասես։

― Բայց մենք որ գնանք, նա ինչ կանի, ― ասացի ես և որպեսզի ավելի ուժ հաղորդեմ հարցին, արմունկս սեղանին դեմ տվի։ ― Չէ՞ որ նրան անկարելի է մենակ մնալ։

Եվ Պեգգոտին հանկարծ սկսեց մի ծակ որոնել գուլպայի կրունկում, որը, սակայն, այնքան փոքր էր, որ չէր էլ արժի կարկատել։

― Քեզ եմ ասում, ա՛յ Պեգգոտի, հո չի՞ կարող նա մենակ մնալ։

― Ա՛յ, օրհնվես դու, ― ասաց Պեգգոտին, վերջապես կրկին վրաս նայելով։ ― Միթե չգիտե՞ս, որ նա երկու շաբաթով հյուր պիտի գնա մեր հարևան տիկին Գրեյպրի մոտ։ Տիկին Գրեյպրի տանը շատ հյուրեր պետք է հավաքվեն։

Օ՜, եթե այդպես է, պատրաստ էի Յարմաուտ գնալ, միայն թե անհամբեր սպասում էի մորս վերադարձին Գրեյպրի տանից (այն երեկո մայրս հենց նրա մոտ էր), որ ստույգ իմանամ, թե թույլ կտա՞ իրագործել մեր երևելի ծրագիրը։ Մայրս այնքան չզարմացավ, որքան ես ենթադրել էի, և անմիջապես հավանություն տվեց, որ գնանք․ մենք էլ միևնույն գիշեր ամեն բան պատրաստեցինք և որոշեցինք, որ իմ սենյակի ու սննդի փողն առանձին վճարվի Յարմաութում։

Մեկնելու օրը շուտ վրա հասավ։ Շուտ վրա հասավ մինչև անգամ ինձ համար, որ տենդային տագնապի մեջ ժամ֊ժամ սպասում էի, թե ահա գետինը կշարժվի և կամ՝ մի հրեղեն սար կբարձրանա, և կամ բնության մի ուրիշ դղրդյուն կպատահի և մեր արշավը կխափանի։ Մենք գնալու էինք մի կառքով, որ պիտի մեկներ հետևայլ օրը, նախաճաշից հետո։ Ինչքան փող ասես կտայի, միայն թե թույլ տային ինձ հենց գիշերվանից հագնվել և կոշիկներով ու գլխարկով քնել։

Այսօր էլ սիրտս հուզվում է, թեև այդ մասին թեթև եմ խոսում, երբ հիշում եմ, թե ինչպես շտապում էի մեր երջանիկ տունը թողնել՝ առանց բնավ կասկածելու, թե ի՞նչ եմ թողնում հավիտյան։

Սիրով եմ մտաբերում, որ երբ կառքը դռան առջևն էր, և մայրիկս ինձ համբուրում էր, ես գորովալի սեր զգացի դեպի նա և դեպի այն տունը, որից դեռ ոչ մի անգամ չէի բաժանվել, և լաց եղա։ Քաղցր է ինձ հիշել, որ մայրիկս էլ լաց էր լինում։

Քաղցր է ինձ հիշել, որ երբ կառքը սկսեց շարժվել, մայրիկս բակի դռնակից դուրս վազեց և հրամայեց կանգ առնել, որպեսզի էլի մի անգամ համբուրի ինձ։ Սիրելի է հիշատակել և այն սրտառուչ թախիծն ու գութը, որով նա դարձյալ մի անգամ գրկեց ինձ։

Երբ մենք նրան ճանապարհի վրա կանգնած թողինք, մր․ Մեորդստոնը մոտեցավ նրան և կարծես թե կշտամբեց, թե ինչո՞ւ է այնքան հուզված։ Ես ետ էի նայում կառքի միջից և զարմանում, թե նա այնտեղ ի՞նչ գործ ուներ։ Պեգգոտին էլ, որ մյուս կողմից էր մտիկ տալիս, շատ գոհ չէր, ինչքան որ նկատեցի։

Երկար ժամանակ լուռ նստած նայում էի Պեգգոտիին և մտածում՝ եթե նա հանկարծ դեն ձգի ինձ, ինչպես անում են հեքիաթներում, արդյոք ես չէ՞ի կարողանա նորից գտնել մեր տունը այն կոճակների օգնությամբ, որ նա անշուշտ թափած կլիներ ճանապարհին։


Գ․ գլուխ

Փոփոխություն


Կառապանի ձին աշխարհիս ամենածույլ ձիերից մեկն էր․ գոնե ըստ իս։ Գլուխը քարշ գցած՝ նա հազիվ էր ոտքերը շարժում, կարծես թե հաճույք էր զգում այն մարդկանց համբերությունը փորձելուց, որոնք սպասում էին իր տարած ծրարներին։ Եվ ինձ թվում էր, թե նա իրոք երբեմն ծիծաղում է այդ հաճույքից․ բայց կառապանն ասում էր, թե միայն հազում է։

Կառապանն էլ իր ձիու նման սովոր էր գլուխը կախ գցել և շնչելիս՝ ձեռքերը ծնկներին դրած ու վայր թեքված՝ մրափել։ Ասում եմ քշելիս, բայց հավաստի եմ, որ ձին առանց քշվելու էլ կառքը Յարմաութ կհասցներ, որովհետև իր բանը լավ գիտեր, իսկ գալով խոսակցության, կառապանը սուլելուց զատ ուրիշ ձայն հանելու ընդունակ չէր։

Պեգգոտին ծնկների վրա մի զամբյուղ էր բռնել, որի միջի պաշարը, եթե Լոնդոն էլ գնալու լինեինք, մեզ կբավեր։ Մենք մեկ ուտում էինք, մեկ քնում։ Պեգգոտին քնելիս կզակը զամբյուղի ունկին էր դեմ տալիս, և եթե ինքս չլսեի, երբեք չէի հավատա, թե մի թույլ կինարմատ կարող է նրա նման սաստիկ խռմփոց հանել։

Ճանապարհին այնքա՜ն շատ պտույտներ արինք, այնքա՜ն տեղեր մտանք ելանք, որ ես հոգնեցի, և միայն երբ Յարմաութին մոտեցանք, ուրախություն զգացի։ Ծովափի ցած տարածությունը դիտելիս Յարմաութը ջրով տոգորված սև սպունգի նման մի խոնավ բան երևաց ինձ․ և ես մտածեցի, որ եթե երկիրը, աշխարհագրության դասաքրքիս ասելով, իրոք կլոր է, ուրեմն ինչպե՞ս կարող էր նրա մի մասն այդ աստիճան տափակ լինել։ Բայց երևի թե Յարմաութը բևեռներից մեկի վրա է, բացատրեցի ես, որ այդքան տափակ դիրք ունի։

Երբ ավելի մոտեցանք, տեսա որ ամբողջ տափարակի եզերքը ուղիղ գծով ձգված է երկնքի տակ, և ակնարկեցի Պեգգոտիին, որ եթե այդ տափարակի վրա տեղ֊տեղ բլրակներ պատահեին, եթե ցամաքը ծովից ավելի որոշակի զատված լիներ և քաղաքը ջրաթաթախ հացի նմամ թրջված չլիներ, տեսարանն ավելի սիրուն կլիներ։ Բայց Պեգգոտին սովորականից ավելի հաստատակամությամբ պատասխանեց, թե պետք է ամեն բան այնպես ընդունել, ինչպես որ կա, և թե իրեն գալով՝ նա Յարմաութի տառեխ անունն անգամ, որ տալիս են այդ քաղաքի բնակիչներին, պարծանք է համարում իր համար։

Երբ փողոց մտանք (որ շատ տարօրինակ թվաց ինձ) և ձկան, կուպրի, կանեփի, խծուծի ու ձյութի հոտը քթիս դիպավ, և ես տեսա դեսուդեն վազող նավաստիներ, ձկնորսներ և սալահատակի վրա դղրդող անթիվ սայլեր, այն ժամանակ զգացի, որ զուր եմ մեղադրել այդ գործունյա քաղաքը։ Այդ որ հայտնեցի Պեգգոտիին, նա հիացավ և ասաց, թե ամենքն էլ (երևի թե ի ծնե տառեխ կոչվելու շնորհ ունեցողները) գիտեն, որ Յարմաութը աշխարհիս ամենասիրուն քաղաքն է։

― Այս էլ քեզ, Էմը, ― գոչեց Պեգգոտին, ― այնպես է մեծացել, որ չես էլ ճանաչի։

Հեմն իրավ սպասում էր մեզ իջևանի դռան առջև, ինձ տեսնելուն պես նա հին բարեկամի նման առողջությունս հարցրեց։ Առաջին վայրկյանին իմ մտքից անգամ չանցավ, որ ես նույնքան եմ ճանաչում նրան, որքան և նա՝ ինձ, որովհետև իմ ծնվելու գիշերվանից նա ոտք չէր դրել մեր տունը։ Սակայն մեր բարեկամությունը շատ առաջ գնաց, երբ որ նա ինձ շալակելով՝ դեպի իրենց տունը տարավ։ Նա մի ահագին պատանի էր վեց ոտնաչափ բարձրությամբ, հաղթանդամ ու թիկնավետ․ բայց մանկական ժպտուն դեմքով և շիկագույն մազերով, որոնք ոչխարի բրդի նման գռուզ էին։ Հագին ուներ կոշտ քաթանից կարված բաճկոն և այնպիսի կարծր վարտիք, որ ինքն իրեն գետնի վրա կկանգներ, եթե մեջը սրունքներ անգամ չլինեին։ Իսկ այն բանը, ինչ որ ուներ գլխի վրա, ավելի հեշտ էր մի հին տան կպրոտ տանիք անվանել, քան գլխարկ։

Հեմը կրում էր ինձ իր մեջքի վրա, իսկ թևի տակ բռնել էր մեր արկղը։ Պեգգոտին տանում էր մյուս արկղը։ Մեր անցած փողոցները լիքն էին տաշեղի, բեկորների և ավազի կույտերով, անցանք գազի գործարանների, ճոպան մանելու, նավ շինելու, նավ կազմելու, նավ կպրելու, նավ խծծելու, նավ ծեփելու, նավ քանդելու սարայների, դարբնոցների և սրանց նման անթիվ շենքերի առջևից և վերջապես երբ հասանք այն միահարթ տխուր տափարակին, որ ես տեսել էի հեռվից, Հեմն ասաց․

― Այս էլ ձեզ մեր տունը, մաստր Դեվի։

Պշնելով նայեցի ամայի տարածության չորս կողմը, դեպի ծովը, դեպի գետը, բայց որևէ տան հետք անգամ չգտա։ Այնտեղ կար մի սև բարկաս կամ մի ուրիշ հնացած նավի նման շենք՝ բարձր և անշուք, ձագարի պես վրան տնկված մի երկաթե խողովակով, որ շատ հանդարտ ծխում էր․ դրանից զատ ես ուրիշ ոչինչ չէի տեսնում, որ մարդկային բնակության տեսք ունենար։

― Ա՞յդ է ձեր տունը, այդ նավի նման բա՞նը, ― հարցրի ես։

― Հենց այդ է, մաստր Դեվի, ― պատասխանեց Հեմը։

Ալադինի հրաշակերտ պալատում անգամ բնակվելը այնքան ինձ չէր հրապուրի, որքան այդ շենքում ապրելու միտքը։ Նավի մոտ մի սիրուն դռնակ էր բացվում։ Նա ուներ մի վերնահարկ և փոքրիկ֊փոքրիկ լուսամուտներ, սակայն ամենից հիանալին այն էր, որ նա հարյուր անգամ ջրերի վրա երթևեկած հին նավ էր, մի իսկական նավ, որ ցամաքի վրա բնակարան լինելու չէր կոչված։ Այդ էր ինձ հիացնողը։ Եթե նա հենց սկզբից բնակության համար շինված լիներ, ես նրան փոքրիկ կամ անհարմար և կամ մենավոր կգտնեի․ բայց քանի որ այդ նպատակով չէր շինված, ուրեմն կատարյալ բնակարան էր։

Ներսից նա վերին աստիճանի մաքուր էր, ամեն բան կարգին։ Մեջը կար մի սեղան, մի հոլանդական ժամացույց, մի պահարան և պահարանի վրա՝ մի ափսե, որի վրա նկարված էր հովանոց բռնած մի տիկին, հետն էլ զինվորի նման մի երեխա, որ շրջանակ էր գլորում։ Որպեսզի ափսեն չընկնի, նրա առջև մի սուրբ գիրք էր դրված, բայց եթե ափսեն հանկարծ ընկներ, գրքի շուրջը շարված բոլոր բամակները, պնակներն ու թեյամանը ջարդուփշուր կլինեին։ Պատերից կախված էին, շրջանակի մեջ և ապակու տակ, պատկերներ սրբազան պատմությունից։ Մինչև այսօր էլ այդպիսի պատկերներ փերեզակների ձեռքին տեսնելիս՝ ես իսկույն մտաբերում եմ Պեգգոտիի եղբոր տան ներքին ամբողջ տեսարանը։ Նկարների մեջ երևում էին կարմիր հագած Աբրահամը, որ գնում էր կապույտ հագած Իսահակին զոհելու, և գեղնազգեստ Դանիելը, որ նստած էր կանաչագույն առյուծների գբում։ Վառարանի քիվի վերևը երևում էր Սենդրլենդում շինված Սառա ջեն նավի պատկերը՝ իսկական փայտե կայմով, ― նկարչության ու հյուսնութայն մի սքանչելի ձեռնակերտ, որի նման տենչալի բան, իմ կարծիքով, չէր գտնվի աշխարհում։ Առաստաղի գերաններից քարշ էին արված մի քանի հատ երկաթե կեռեր, որոնց գործածությունը դեռ չէի հասկանում, և մի քանի գզրոզներ, արկղիկներ ու գործիքներ, որոնք կարող էին և աթռի տեղ գործածվել։

Շեմքից անցնելիս մի ակնարկ բավական էր, որ այդ բոլորը տեսնեի (չմոռանաք, որ սրատես մանուկ էի)։ Այնուհետև Պեգգոտին մի դռնակ բաց արեց՝ ննջարանը ցույց տվեց։ Դրա նման սիրուն ու կատարյալ ննջարան դեռ օրումս չէի տեսել ― մի փոքրիկ լուսամուտով նավի քթում, մի փոքրիկ հայելիով, որ խեցիների շրջանակ ուներ, մի փոքրիկ մահճակալով, որ ճիշտ իմ հասակի չափ էր, և ծովային բույսերի փնջիկով, որ դրված էր սեղանի վրա կապտագույն սափորի մեջ։ Պատերը ձյունի պես սպիտակ էին և վերմակը այնպես փայլուն, որ գրեթե աչք էր շլացնում։ Այդ հրաշալի տնակում մի բան առանձնապես ուշքս գրավեց․ դա ձկան հոտն էր, ― այն աստիճան թափանցիկ հոտ, որ երբ քիթս սրբելու համար թաշկինակս հանեցի, դա էլ այնպիսի հոտ արձակեց, որ հենց իմանաս մեջը խեցգետին փաթաթված լիներ։ Այս գյուտի մասին ես հայտնեցի Պեգգոտիին, և նա բացատրեց, որ իր եղբայրը ձուկ, խեցգետին, աստակոս և խաչափաս վաճառող է․ հետո կաթսաների ու տակառների սենյակում ես ինքս տեսա մի փոքրիկ ավազանի մեջ այդ կենդանիների մի ահագին դեզ, ուր նրանք զարմանալի կերպով իրար խառնված, շարունակ աշխատում էին մի բան բռնել և ինչ էլ բռնեին, այլևս բաց չէին թողնում։

Շատ քաղաքավարի կերպով ընդունեց մեզ սպիտակ գոգնոցով մի պառավ կին, որ արդեն սկսել էր մեզ ռեվեռանս անել, թեև ես Հեմի շալակին նստած՝ դեռ կես մղոն հեռու էի տանից։ Մեզ ողջունեց և մի շատ սիրուն փոքր աղջիկ (գոնե ինձ այդպես երևաց), որ վզին կապույտ ուլունքների մանյակ ուներ․ բայց նա մերժելով մերժեց իմ համբյուրը և իսկույն փախավ։ Համեղ ճաշը երբ վերջացրինք, ― պատրաստել էին խաշած ձուկ, կարագի մեջ տապակած գետնախնձոր և, հատուկ ինձ համար, կոտլետներ, ներս մտավ մի երկայնահեր տղամարդ, որ շատ բարի դեմք ուներ։ Տեսնելով որ նա Պեգգոտիին «սիրունիկս» անվանեց և մի ամուր համբյուր տվեց նրա թշին, իսկույն իմացա, (քանի որ Պեգգոտիի սովորական համեստությունն ինձ հայտնի էր), որ եկվորը նրա եղբայրը կլինի, ինչպես և իրոք ստուգվեց, երբ մեզ իրար հետ ծանոթացրին և ասացին, թե նա միստր Պեգգոտին է, տանտերը։

― Ուրախ եմ, սըր, որ տեսնում եմ ձեզ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Մենք անտաշ կոպիտ մարդիկ ենք, բայց ձեզ ծառայելու միշտ պատրաստ։

Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ անկասկած երջանիկ կլինեմ այս հիանալի տնակում։

― Ինչպե՞ս է ձեր մայրիկը, սըր, ― հարցրեց մր․ Պեգգոտին։ ― Արդյոք լիովին առո՞ղջ թողիք նրան։

Պաատասխանեցի, թե այո, բոլորովին առողջ, զվարթ և ավելացրի, թե մայրիկս շատ֊շատ ողջունում է նրան, մր․ Պեգգոտիին, թեև ասածս մի հնարովի բան էր։

― Շա՜տ շնորհակալ եմ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Դե ուրեմն, եթե կամենաք մի երկու շաբաթ մեզ մոտ մնալ սրա հետ (իր քրոջն ակնարկելով) և Հեմի ու փոքրիկ Էմլիի հետ միասին, ես անչափ ուրախ կլինեմ։

Այսպիսի հյուրասիրություն ցույց տալուց հետո մր․ Պեգգոտին գնաց երեսը կաթսայի եռման ջրով լվանալու, ասելով թե՝ «սառ ջուրը երբեք կեղտը ամբողջովին չի մաքրում»։ Նա իսկույն ետ եկավ, ավելի վայելուչ կերպարանք ստացած, բայց այն աստիճան կարմրած, որ չէի կարող չնկատել, թե նրա երեսը մի բանով նման է խեցգետնի, աստակոսի և խաչափառի, ― նման նրանով, որ նա տաք ջուր չմտած շատ սև էր, իսկ դուրս գալուց հետո՝ շատ կարմիր։

Թեյից հետո, երբ դռները փակեցին և բոլորս միասին հավաքվեցինք (գիշերներն արդեն միգապատ ու ցուրտ էին), մեր օթևանը այնպես հաճելի երևաց ինձ, որ ասել անգամ չեմ կարող։ Լսել հողմի մռնչալը ծովի վրա, գիտենալ, որ մառախուղը փռված է դրսում՝ ամայի շրջակայքում, նայել կրակին և մտածել, որ չորս կողմը ուրիշ տուն չկա, և այն մեկն էլ, ուր նստած ես, մի նավ է, ― արդարև մի դյութիչ բան էր։ Փոքրիկ Էմլին էլ չէր քաշվում և եկել նստել էր իմ կողքին ամենացածրիկ և վերջին սնդուկի վրա, վառարանի անկյունում, ուր միայն երկուսիս նստելու չափ տեղ կար։ Գոգնոցով պառավը բան էր հյուսում կրակի հանդեպ։ Կարով զբաղված Պեգգոտին այն աստիճան տանն էր զգում ինքն իրեն, իր սուրբ Պողոսի և մոմի կտորի հետ, որ կարծես դրանք իրենց կյանքում մի ուրիշ հարկ տեսած անգամ չլինեին։ Հենը, որ արդեն տվել էր ինձ կոնչինայի առաջին դասը, աշխատում էր մտաբերել բախտ գուշակելու մի եղանակ, և թղթերը շուռ տալիս՝ իր ձկնոտ բթամատով հետք էր դրոշմում նրանց վրա։ Մր․ Պեգգոտին լիվլե էր ծխում։ Զգում էի, որ մտերմական խոսակցության րոպեն հասել է։

― Մր․ Պեգգոտի, ― ասացի ես։

― Ի՞նչ կհրամայեք, սըր։

― Դուք նրա՞ համար եք Հեմ անվանել ձեր որդուն, որ Նոյի պես տապանի մեջ եք բնակվում։

Մր․ Պեգգոտին կարծես թե շատ խորիմաստ գտավ այդ գաղափարը, և ասաց․

― Ո՛չ, սըր։ Ես նրան երբեք որևէ անուն չեմ տվել։

― Հապա ո՞վ է դրել այդ անունը, ― հարցրի ես։

― Իհարկե հայրը, ― ասաց մր․ Պեգգոտին։

― Կարծում էի, թե հայրը դուք եք։

― Ջոն եղբայրս էր նրա հայրը, ― ասաց մր․ Պեգգոտին։

― Արդեն մեռե՞լ է, հարցրի ես մի կարճատև լռությունից հետո։

― Խեղդվել է, ― ասաց մր․ Պեգգոտին։

Շատ զարմացա, որ մր․ Պեգգոտին Հեմի հայրը չէ, և կամենալով տան մյուս անդամների աջակցության աստիճանն էլ ճիշտ իմանալ, ուղղակի դիմեցի մր․ Պեգգոտիին․

― Իսկ փորքիկ Էմլի՞ն, ― հարցրի ես, աչքս աղջկա կողմը դարձնելով։ ― Սա ձե՛ր աղջիկն է, չէ՞, մր․ Պեգգոտի։

― Ո՛չ, սըր։ Իմ աներձագ Տոմի աղջիկն է։

Մի երկրորդ պատկառելի լռությունից հետո ակամա հարցրի․

― Նա է՞լ է մեռել, մր․ Պեգգոտի։

― Խեղդվել է, ― ասաց մր․ Պեգգոտին։

Զգում էի, թե որքան դժվար է նույն նյութը շոշափել, բայց դեռ ամեն բան չէի իմացել, այնինչ ուզում էի իմանալ։ Ուստի հարցրի։

― Իսկ դուք ինքներդ որդի չունե՞ք, մր․ Պեգգոտի։

― Ո՛չ, մաստեր, ― պատասխանեց նա թեթև ժպտալով։ ― Ես ամուրի եմ։

― Ամուրի՞, գոչեցի ես զարմացած։ ― Ուրեմն սա ո՞վ է, մր․ Պեգգոտի։ ― Եվ այս ասելիս մատնացույց արի բան հյուսող գոգնոցավոր պառավին։

― Դա միստրիս Գըմիջն է, ― ասաց մր․ Պեգգոտին։

Սակայն այդ վայրկյանին Պեգգոտին, իմ դայակ Պեգգոտին, այնպես ազդու նշան արեց՝ էլ ուրիշ բան չհարցնելու, որ ես ստիպվեցի մինչև մեր քնելու ժամը մունջ նստել և մեր լռիկ շրջանը դիտել։ Այնուհետև Պեգգոտին, իմ փոքրիկ ննջարանում բացատրեց ինձ, թե Հեմը և Էմլին որբեր են․ մեկը տանտիրոջս եղբորորդին է, մյուսը՝ աներձագի աղջիկը․ նա երկուսին էլ որդեգրել է ամենափոքր հասակից, իսկ մրս․ Գըմիջը նրա ընկերոջ այրին է, մի ընկերոջ, որ թշվառության մեջ էր ընկել ու մեռել։ ― «Եղբայրս էլ մի չքավոր մարդ է», ― ասաց Պեգգոտին, ― «բայց ոսկու նման ազնիվ է և երկաթի պես հավատարիմ», ― սրանք Պեգգոտիի բուն խոսքերն են։ Սակայն նրա ասելով, մի բան միայն կարող էր շատ զայրացնել եղբորը և հիշոցներ ասել տալ․ այդ նրա վեհանձնության մասին ակնարկելն էր․ այդ մասին խոսք բացվելիս՝ նա աջ բռունցքով սաստիկ խփում էր սեղանին (այդպիսի հարվածից արդեն մի սեղան կոտրվել է) և սոսկալի երդում անում, որ եթե նորից բան ասեն, նա ինքն իրեն կխողխոհի և կամ կփախչի։ Ոչ ոք չկարողացավ մեկնել ինձ այդ սարսափելի խողխողել բառը, բայց բոլորն էլ վկայեցին, թե անպատճառ մի հանդիսավոր անեծք կլինի։

Սիրտս հաստատ վկայում էր, որ տանտերը բարի մարդ է, և մի անուշ թմրության մեջ լսում էի, թե ինչպես կանայք նավի մյուս խուցը հեռացան, որ իմի նման փոքրիկ էր, և ինչպես մր․ Պեգգոտին և Հեմը երկու հեմըկ[7] կախ տվին առաստաղի կեռերից, որոնց մասին հիշված է վերևում։ Եվ մինչ նիրհս սաստկանում էր, ծովի կողմից մոլեգնաբար մռնչող քամին, ալիքները վրդովելով, մի տեսակ ահ էր ձգում սրտիս մեջ, թե կես գիշերին անդնդասույզ կլինենք․ բայց միևնույն ժամանակ զգում էի, որ վերջ ի վերջո նավի մեջ եմ, և մր․ Պեգգոտին այստեղ է և մեզ կօգնի, ինչ վտանգ էլ պատահեր։

Սակայն գիշերը հանգիստ անցավ։ Եվ հենց որ արևի լույսը հայելուս խեցապատ շրջանակի վրա փայլեց, ես վեր կացա ու դուրս վազեցի Էմլիի հետ քարեր հավաքելու ծովափին։

― Դու, կարծեմ, լավ նավաստի ես, ― ասացի ես Էմլիին։

Չեմ կարող պնդել, թե կարծիքս իրոք այդ էր, սակայն քաղաքավարությունը պահանջում էր մի բան ասել, և այդ րոպեին մեր մոտով անցնող առագաստը այնպես ցոլաց Էմլիի պայծառ աչքերի մեջ, որ ես իսկույն ներշնչվեցի այդ իսկ միտքը հայտնելու։

― Ո՛չ, ― պատասխանեց Էմլին, գլուխը շարժելով։ ― Ես ծովից վախենում եմ։

― Վախենո՜ւմ, ― գոչեցի ես մի պարծենկոտ արիությամբ և համարձակ մտիկ տվի հսկայազոր օվկիանոսին։ ― Իսկ ես ամենևին չեմ վախենում։

― Ա՜հ, ծովը սաստիկ անգութ է, ― ասաց Էմլին։ ― Ես տեսել եմ՝ որքան անգութ էր մերոնցից մի քանիսի հետ։ Տեսել եմ, ինչպես նա մեր տան չափ մի մեծ նավ ջարդուփշուր արեց։

― Չլինի թե հենց այն նավը․․․

― Որի վրա հա՞յրս խեղդվեց, ― ասաց Էմլին։ ― Ո՛չ։ Այն չէ․ ես երբեք այն նավը չեմ տեսել։

― Հայրիկի՞դ էլ չես տեսել, ― հարցրի ես։

Փոքրիկ Էմլին գլուխը թոթվեց և ասաց․

― Չեմ հիշում, որ տեսած լինեմ։

Ինչպիսի՜ զուգադիպություն։ Սկսեցի պատմել, թե ես էլ իմ հորը երբեք չեմ տեսել, թե մայրիկս ու ես երջանիկ ենք միասին և հուսով ենք, որ միշտ էլ այդպես երջանիկ կապրենք․ թե հորս գերեզմանը մեր տան մոտի հանգստարանումն է, մի ծառի տակ, որի շուրջը ես շատ անգամ ման եմ գալիս լուսադեմին, թռչնիկների ծլվլոցը լսելով։ Սակայն Էմլիի ու իմ որբության միջև, ինչպես որ իմացա, մի տեսակ տարբերություն կար։ ― Նրա մայրը հորից առաջ էր մեռել, և թե հոր գերեզմանը որտե՞ղ էր, ոչ ոք չգիտեր․ միայն այս բանը հայտնի էր, որ ծովի խորքումն է։

― Հետո, ― ասաց Էմլին, խեցիներ ու կոպիճներ որոնելով, ― քո հայրը մի պարոն էր, մայրդ էլ տիկին է, իսկ իմ հայրը ձկնորս էր, մայրս էլ ձկնորս, ապերս էլ ձկնորս է։

― Ապե՞րդ, մր․ Պեգգոտի՞ն, ― հարցրի ես։

― Ա՛յ նա, որ այնտեղ է, ― պատասխանեց Էմլին, նավի կողմը նայելով։

― Այո, իմ խոսքն էլ նրա մասին է։ Նա կարծեմ շատ բարի մարդ է, չէ՞։

― Բարի՞, ― ասաց Էմլին։ ― Եթե ես մի ազնվական տիկին լինեի, նրան մի երկնագույն կապա կընծայեի ադամանդե կոճակներով, մի զույգ նանկինի վարտիք, մի կարմիր թավշե բաճկոնակ, մի լայնեզր ծուռ գլխարկ, մի մեծ ոսկե ժամացույց, մի արծաթե ծխաքաշ և ոսկով լիքը մի սնդուկ։

Ես հաստատեցի, որ մր․ Պեգգոտին անտարակույս արժանի է այդ գանձերին։ Միայն թե, ճշմարիտն ասեմ, փոքր֊ինչ դժվարանում էի պատկերացնել նրան այնպես շքեղ պճնված, ինչպես որ կցանկանար տեսնել նրան իր աների թոռնիկը․ վստահ չէի մանավանդ, որ լայնեզր ծուռ գլխարկը նրան որևէ կերպ հարմար գար։

Վերոհիշյալ իրերը թվելիս Էմլին դիտում էր կապույտ երկինքը, ասես թե մի փառավոր տեսիլ նշմարելով վերևում։ Մենք շարունակեցինք խեցիներ ու կոպիճներ որոնել։

― Դու կուզենայի՞ր տիկին լինել, ― հարցրի ես։

Էմլին վրաս նայեց և «այո» ասաց ծիծաղելով։

― Այո՛, շատ կուզենայի։ Այն ժամանակ բոլորս պարոններ և տիկիններ կլինեինք․ ես էլ, ապերն էլ։ Հեմն էլ, մրս․ Գըմիջն էլ։ Այն ժամանակ չէինք վախենա փոթորկից։ Եվ եթե խեղճ ձկնորսներին որևէ փորձանք պատահեր, նրանք վստահ կլինեին, որ մենք փողով կօգնենք նրանց։

Այս բոլորը շատ գոհացուցիչ, ուրեմն և շատ բնական թվացին ինձ։ Ես գովեցի Էմլիի նկարագրած պատկերը, և նա սիրտ առնելով ինձ կամացուկ հարցրեց․

― Ուրեմն դու ծովից չե՞ս վախենում։

Ծովն այնքան հանդարտ էր, որ կարող էի համարձակ վրան նայել, բայց հավատացած եմ, որ եթե մի թեթև ալիք դեպի իմ կողմը թավալվեր, ես լեղապատառ կփախչեի, Էմլիի ջրահեղձ ազգականներին հիշելով։ Բայց և այնպես պատասխանեցի «ոչ» ― և հարեցի․ «կարծեմ դու էլ չես վախենում, թեև ասացիր, թե վախենում ես», ― որովհետև նա գնում էր իսկ և իսկ այն փայտաշեն խարխուլ թմբի եզրով, որի վրա ցատկել էինք, և ես իրոք վախենում էի, թե նա կընկնի։

― Է՛հ, այստեղ վախենալու բան չկա, ― ասաց Էմլին։ ― Բայց ծովի գոռալու ժամանակ ես սարսափով վեր եմ ցատկում քնած տեղից և դողալով մտածում եմ ապոր ու Հեմի մասին, ինձ թվում է, թե նրանք կանչում են ― օգնեցեք մեզ, օգնեցե՜ք։ Ահա դրա համար ես կցանկանայի տիկին լինել։ Իսկ այժմ այստեղ ամենևին ահ չեմ զգում։ Այ, տե՛ս։

Նա առաջ վազեց մի անհարթ գերանի վրայով, որ բավական բարձր տեղից ձգվում էր դեպի անդունդը՝ առանց որևէ բազիրքի։ Այս դեպքը այն աստիճան ազդեց վրաս, որ եթե ես նկարիչ լինեի, այսօր անգամ ճշտությամբ կնկարեի նրան և ցույց կտայի, թե ինչպես էր Էմլին դեպի մահ սլանում՝ ծովին ուղղած հայացքով, որ երբեք չպիտի մոռանամ։

Թեթև, համարձակ, ճկուն, ժիր աղջիկը, վազելով ետ եկավ, և ես ծիծաղեցի երլկյուղիս ու ճիչիս վրա, որ զուր էի արձակել, զուր, որովհետև մոտերքում ոչ ոք չկար, որ օգներ։ Սակայն տարիներ անցնելուց հետո, արդեն այրական հասակում, ես շատ անգամ հարցրել եմ ինձ, թե երեխայի այդ հանկարծական հանդգնության և նրա խիզախ հայացքի մեջ արդյոք չկա՞ր (ինչեր չկան, որ մեզ անհայտ են) մի տեսակ որդիական կարեկցություն դեպի հայրը, մի բուռն փափագ միանալու նրա հետ ալիքներում, նույն այդ օրը վերջ դնելով իր կյանքին։ Եղել է մի ժամանակ, երբ մտածել եմ․ եթե նրան սպասող կյանքը հանկարծ բացվեր աչքիս առջև և այնպես բացվեր, որ ես կարենայի մանուկ խելքովս լավ ըմբռնել այդ կյանքը, և եթե դրան պահպանելը իմ բազկի մեկ շարժումից կախված լիներ, ― արդյոք բազուկս կմեկնեի՞ փրկելու նրան անկումից։ Եղել է ժամանակ ― չեմ ասի, թե երկար, ― երբ ես հարցրել եմ ինքս ինձ․ եթե այն առավոտ փոքրիկ Էմլին աչքիս առջև անհետանար ծովի մեջ, ավելի լավ չէ՞ր լինի, ― և պատասխան տվել․ այո՛, ավելի լավ կլիներ։

Այս մասին գրել գուցե դեռ վաղ է։ Թերևս շտպելու հարկ չկա։ Բայց թող գրածս գրված մնա։

Երկար ժամանակ ման եկանք, զանազան իրեր հավաքելով, և մի քանի հատ ծովաստղ ջուրը նետեցինք։ Ես դեռ այնքան ծանոթ չէի այդ կենդանիների հետ, որ գիտենայի՝ արդյոք նրանք գո՞հ են մեր արարքից, թե՞ դժգոհ։ Վերջ ի վերջո ճանապարհ ընկանք դեպի տուն։ Երբ հասանք խեցգետինների ավազանին՝ ես ու Էմլին մի անմեղ համբյուր տվինք մեկմեկու և երկուսս էլ զբոսանքից կարմրած՝ առույգ֊առույգ ներս մտանք նախաճաշիկ անելու։

― Կարծես երկու սայրակ լինեն, ― ասաց մր․ Պեգգոտին․ և ես այդ խոսքը փաղաքշանքի տեղ ընդունեցի։

Ավելորդ է ասել, որ ես արդեն սիրահարված էի Էմլիի վրա։ Եվ հարկավ իմ սերը դեպի այդ մանուկն ավելի գողտրիկ էր, ավելի քնքուշ, ավելի մաքուր ու անձնվեր, քան պատանեկան հասակի սերը, որքան էլ սա վսեմ լինի և ազնիվ։ Այդ կապտաչյա երեխան մի տեսակ եթերական շողերով էր շրջապատված մտքիս մեջ և հրեշտակ էր թվում ինձ։ Եվ եթե նա մի լուսապայծառ առավոտ թևեր ստանար և աչքիս առջև երկինք սլանար, այդ երևույթը ես շատ բնական կգտնեի։

Ամբողջ ժամերով ձեռք֊ձեռքի տված զբոսնում էինք Յարմաութի միակերպ տափարակի վրա։ Օրերը զվարթ անցնում էին, ասես թե նույնիսկ ժամանակը դեռ մանուկ լիներ և մեր խաղերին մասնակցեր։ Ես ասացի Էմլիին, որ պաշտում եմ նրան և պատրաստ եմ թրով մեռցնել ինձ, եթե նա էլ ինձ չսիրի։ Նա պատասխանեց, թե ինքն էլ ինձ է սիրում է, և ես վստահ եմ, որ ասածը ճշմարիտ էր։

Գալով մեր վիճակի անհավասարության, մեր հասակի մանկության և կամ որևէ ուրիշ արգելքի, ― Էմլին ու ես անփույթ էինք այդ մասին, որովհետև մեզ համար ապագան գոյություն չուներ․ մենք ապրում էինք ներկայով։ Մրս․ Գըմիջը և Պեգգոտին հիացած էին մեր վրա, և մի երեկո, մինչ Էմլին ու ես իրար գուրգուրելով նստած էինք սնդուկի վրա, նրանցից մեկը շշնջաց․ «Աստաված իմ, որքան սիրուն է այդ զույգը»։ Մր․ Պեգգոտին ժպտաց, իսկ Հեմն ամբողջ երեկո քիթ֊բերանը ծռմռելով անցկացրեց։ Երևի թե մենք նրանց համար մի սիրուն խաղալիք էինք և կամ Կոլիսիոնի մանրանկար պատկերի նման զվարճալի մի բան։

Շուտով նկատեցի, որ մրս․ Գըմիջը այնքան գոհ չէ, որքան պետք էր սպասել մր․ Պեգգոտիի հոգատարությանը նայելով։ Նա շարունակ տրտում էր և երբեմն ավելի էր փնթփնթում, քան կուզենար մեր փոքրիկ ընկերությունը։ Ես նրան շատ էի ափսոսում, բայց երբեմն էլ մտածում էի, թե նույնիսկ մրս․ Գըմիջի համար ավելի լավ կլինի, եթե նա մի ջոկ սենյակ ունենա և այնտեղ նստի, մինչև որ սիրտը զվարճանա։

Երբեմն մր․ Պեգգոտին Զվարթ ընկերոջ պանդոկն էր գնում։ Այդ ես իմացա մեր գալու երրորդ կամ չորրորդ իրիկունը, երբ մրս․ Գըմիջը, ժամը ութից փոքր֊ինչ անց, մտիկ տվեց հոլանդական ժամացույցին և ասաց․ «Ես գիտեմ, նա այնտեղ է․ վաղուց գիտեի, որ այնտեղ կերթա»։

Ամբողջ օրը մրս․ Գըմիջը դժգոհ էր, իսկ երեկոյան դեմ, երբ կրակը ծուխ էր տալիս, մինչև անգամ արտասվեց։ ― Օ՜հ, ես մի խեղճ, անտուն անտեր արարած եմ, ― ասաց նա այդ անախորժ պատահարի պատճառով։ ― Ամեն ինչ ինձ հակառակ է։

― Է՜հ, շուտով կանցնի, ― ասաց Պեգգոտին։ ― Չէ՞ որ ծուխը մեզ էլ այնքան անախորժ է, որքան և ձեզ։

― Բայց ես ավելի եմ զգում, ― ասաց մրս․ Գըմիջը։

Շատ ցուրտ օր էր, քամին թափանցող։ Մրս․ Գըմիջի վառարանի մոտ բռնած անկյունը իմ կարծիքով ամենատաքն էր, և ամենից հանգիստ աթոռը անշուշտ նրանն էր․ բայց նա դարձյալ դժգոհ էր։ Անդադար գանգատվում էր, թե ցուրտ է, թե ցուրտը մրջյունի պես նրա մեջքը ծակոտում է։ Ի վերջո նա լաց եղավ և կրկնեց, թե ինքը մի թշվառ, անօգնական էակ է, և ամեն բան իր ցանկության հակառակ է կատարվում։

― Իրավ շատ ցուրտ է, ― ասաց Պեգգոտին։ ― Բոլորս էլ զգում ենք։

― Բայց ես ամենից ավելի եմ զգում, ― ասաց մրս․ Գըմիջը։

Միևնույնը կրկնվեց և ճաշին, երբ ես, իբրև մի պատվավոր հյուր, ավելի առաջ մեծարվեցի, քան թե մրս․Գըմիջը։ Ձկներն էլ կոշտ ու մանրիկ թվացին նրան, գետնախնձորն էլ փոքր֊ինչ այրված։ Բոլորս համամիտ էինք, որ այդ մի անախորժ պատահմունք է․ բայց մրս․ Գըմիջն ասաց, թե նա մեզանից ավելի է զգում այդ բանը, և սկսեց նորից արտասվել, վերոհիշյալ տրտունջը ավելի սաստիկ կրկնելով։

Հետևաբար, երբ մր․ Պեգգոտին ժամը մոտ իննին տուն եկավ, անկյունում նստած վշտահար մրս․ Գըմիջը ամենաթշվառ և ողորմելի դրության մեջ էր։ Պեգգոտին զվարթ սրտով կարում էր։ Հեմն իր ահագին կոշիկներն էր կարկատում․ իսկ ես փոքրիկ Էմլիի հետ նստած, բան էի կարդում ամենքի համար։ Մրս․ Գըմիջն ամբողջ երեկո հառաչանքից բացի, մի ուրիշ ձայն չէր հանել և աչքերը չէր բարձրացրել։

― Դե, ինչպե՞ս եք, իմ սիրելիք, ― ասաց մր․ Պեգգոտին, իր աթոռի վրա նստելով։ ― Ինչպե՞ս է գնում ձեր գործը։

Բոլորս էլ մի֊մի ողջույն տվինք նրան, բացի մրս․ Գըմիջից, որ միայն գուլպայի վրա գլուխը շարժեց։

― Ի՞նչ ես քիթդ կախ արել, ― ասաց մր․ Պեգգոտին, ձեռքերն իրար խփելով։ ― Սիրտ առ, նանի։ (Մր․ Պեգգոտին ուզում էր ասել՝ պառավ աղջիկ)։

Մրս․ Գըմիջը, ըստ երևույթին, սիրտ առնելու տրամադիր չէր։ Նա գրպանից հանեց մետաքսե սև թաշկինակը և աչքերը սրբեց․ բայց փոխանակ նորից գրպանը դնելու, պահեց ձեռքում, էլի մի անգամ աչքերը սրբեց և շարունակեց ձեռքում պահել թաշկինակը, որպեսզի մյուս անգամ էլ գործածելու պատրաստ լինի։

― Ի՞նչ է պատահել, ա՜յ նանի, ― ասաց վերստին մր․ Պեգգոտին։

― Ոչինչ, ― պատասխանեց մրս․ Գըմիջը։ ― Դու Զվարթ ընկերի՞ց ես գալիս, Դանիել։

― Այո՛, այս երեկո էլ մի քիչ նստեցի Զվարթ ընկերում, ― ասաց մր․ Պեգգոտին։

― Շատ ցավում եմ, որ ես եմ քեզ այնտեղ քշում, ― ասաց մրս․ Գըմիջը։

― Ինձ քշե՞լ։ Ինչո՞ւ քշել, ― պատասխանեց մր․ Պեգգոտին ծիծաղելով։ ― Ես հո սիրով եմ այնտեղ գնում։

― Շատ սիրով, ― ասաց մրս․ Գըմիջը գլուխը շարժելով։ ― Այո՛, այո՛, շատ սիրով։ Ցավում եմ, որ այնտեղ գնալուդ պատճառը ես եմ։

― Դո՞ւ։ Այդպիսի բան իմ մտքով անգամ չի անցել, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Խնդրեմ, դու էլ այդպիսի բաներ չմատածես։

― Այո՛, այո՛, ― գոչեց մրս․ Գըմիջը։ ― Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ես մի թշվառ, անտեր, անտիրական արարած եմ, և գիտեմ, որ ոչ միայն ինձ բոլորն հակառակ են, այլև ես մի բեռ եմ դարձել բոլորի համար։ Այո՛, այո՛, ես ուրիշնեից ավելի եմ զգում․․․ ա՛յդ է իմ ցավը։

Ականջ դնելով այդ բոլորին, ես ակամա մտածեցի, թե բացի մրս․ Գըմիջից՝ տան մյուս անդամներն էլ կարող են վարակվել, այդ ցավով։ Սակայն մր․ Պեգգոտին այդպիսի բան չմտածեց, այլ միայն խնդրեց մրս․ Գըմիջին, որ սիրտ առնի ու զվարթանա։

― Ինքս էլ չգիտեմ, ի՞նչ եմ ուզում, ― ասաց մրս․ Գըմիջը։ ― Գիտեմ միայն, թե ես ինչ եմ։ Իմ վշտերն ինձ դառնացրել են։ Ես զգում եմ վշտերս, և ահա դրանք են դառնացնում ինձ։ Երանի թե չզգայի, բայց որ զգո՜ւմ եմ։ Երանի թե մի անզգա սիրտ ունենայի, բայց որ չունե՜մ։ Ես մի բեռ եմ այս տան համար։ Չեմ էլ զարմանում, որ այսպես եմ։ Ես գիշեր֊ցերեկ տանջում եմ թե՛ ձեր քրոջը և թե՛ մաստեր Դեվիին։

Իմ գութն էլ այժմ շարժվեց, և ես գոչեցի ամենամեծ տագնապով․

― Ո՛չ, մրս․ Գըմիջ, դուք ամենևին էլ չեք տանջել ինձ։

― Ես գիտեմ, որ արածս լավ չի․ ինձ պետք էր հենց սկզբից անկելանոց գնալ։ Լավ էր գնայի մեռնեի։ Ես մի անօգնական թշվառ էակ եմ։ Ամեն բան ինձ հակառակ է, ես էլ բոլորին զզվեցրել եմ․ ուրեմն թողեք գնամ, կորչեմ այստեղից։ Լավ է, Դանիել, մեր գյուղի անկեկանոցը գնամ, այնտեղ մեռնեմ, որ դուք էլ ինձնից ազատվեք։

Մրս․ Գըմիջն այդ ասելով հեռացավ և քնելու գնաց։ Նրա գնալուց հետո մր․ Պեգգոտին, որ թեև լուռ էր, բայց սրտով շատ կարեկցում էր պառավին, մեկ֊մեկ նայեց բոլորիս, մինչ նրա դեմքն այդ զգացմունքից հուզված էր, և քչփչաց․

― Իր ծերուկն է միտքն ընկել։

Ես չհասկացա, թե որ ծերուկն է մրս․ Գըմիջի միտքը գրավել, բայց իմ պառկելու ժամանակ Պեգգոտին հայտնեց ինձ, թե ծերուկը հանգուցյալ մր․ Գըմիջն է․ թե մրս․ Գըմիջի տխրելուն պես եղբայրը սովոր է այդ բացատրությունը առաջ բերել, իբր մի հաստատ ճշմարտություն, որ միշտ հուզել է նրա սիրտը։ Փոքր֊ինչ հետո ես լսեցի, թե ինչպես մր․ Պեգգոտին իր ճոճից, ուր արդեն պառկել էր, մի քանի անգամ կրկնեց Հեմին․ «Խեղճ կին, ծերուկն է միտքն ընկել»։ Այնուհետև հենց որ մր․ Գըմիջի վրա նորից մի թախիծ էր գալիս, ― ինչը որ մի քանի անգամ կրկնվեց մեր այնտեղ լինելու միջոցին, ― մր․ Պեգգոտին միևնույն պատճառով էր արդարացնում պառավի վիշտը, միշտ էլ ջերմ կարեկցությամբ։

Այսպես անցավ երկու շաբաթ, առանց ուրիշ փոփոխության, բացի ծովի հորդելուց ու նվազելուց, որոնց համեմատ փոխվում էին մր․ Պեգգոտիի գնալ֊գալու ժամերը, ինչպես և Հեմի զբաղմունքները։ Պարապ ժամերին Հեմը մեզ հետ զբոսնելու էր գնում, և զանազան նավեր ու նավակներ ցույց տալիս․ մի երկու անգամ էլ մեզ մակույկով ծովի վրա պտտեցրեց։ Չգիտեմ ինչն է պատճառը, որ մարդուս մեջ մի քանի թեթև տպավորություններ մի տեղի հետ ավելի սերտ են շաղկապվում, քան մյուսի․ սակայն շատերը կվկայեն, որ իրենք էլ այդ նկատել են՝ մանավանդ իրենց մանկության հիշատակների շրջանում։ Երբեք չի պատահել, որ ես Յարմաութի անունը կարդալով կամ լսելով՝ նույն րոպեին չմտաբերեի մի կիրակի առավոտ, երբ նստած էինք ծովափին։ Եկեղեցու զանգը հնչում էր․ փոքրիկ Էմիլին հենված էր ուսիս․ Հեմն անհոգաբար քարեր էր նետում ծովի մեջ, իսկ արեգակը ջրի երեսի թանձր մեգը քշելով, ցոլացնում էր հեռավոր նավերը և նրանց ստվերները։

Վերջապես մեկնելու օրը հասավ։ Ես արիություն ունեցա մնաս բարով ասելու մր․ Պեգգոտիին և մրս․ Գըմիջին․ բայց փոքրիկ Էմլիից բաժանվելու մասին մտածելիս սիրտս գրեթե խորտակվում էր։ Մենք թև֊թևի տված մինչ իջևվանը գնացինք, ուր կառքը կանգնելու էր, և ճանապարհին խոստացա նամակ գրել նրան։ (Այս խոստումը հետո կատարեցի, գրելով նրան մի այնպիսի նամակ, որի տառերը վարձու բնակարաններ ծանուցող հայտարարությունների տառերից էլ խոշոր էին)։ Շատ մորմոքիչ էր մեր հրաժեշտի վայրկյանը, և սրտիս մեջ երբեք այդպիսի դատարկություն չէի զգացել, ինչպես այն օրը։

Ամբողջ բացակայությանս միջոցին ես ապերախտ էի գտնվել դեպի մեր տունը․ շատ սակավ էի հիշել նրան և կամ բնավ չէի հիշել։ Սակայն հենց որ մեկնեցինք, մանկական խիղճս կշտամբելով ցույց տվեց ինձ դեպի տուն տանող ճանապարհը, և որքան վիշտս սաստկանում էր, այնքան ավելի զգում էի, որ իմ բույնը այնտեղ է, որ իմ սփոփանքը և ընկերը մայրս է։

Եվ քանի առաջ էինք գնում, այդ զգացումս աճում էր, և որքան մեզ հանդիպող ծանոթ իրերը շատանում էին, այնքան էլ մեր տունը տեսնելու, մայրիկիս գիրկն ընկնելու ջերմ փափագս սաստկանում էր։ Բայց Պեգգոտին իմ ոգևորության մասնակից լինելու փոխարեն՝ աշխատում էր զսպել ինձ (թեև շատ քնքշաբար), և անհանգիստ ու շփոթված էր երևում։

Բայց և այնպես, մեր տունը, մեր Բլենդրոտըն Րուկրին վերջ ի վերջո երևան եկավ մեր ձիու ուզած րոպեին։ Ինչպե՜ս լավ եմ հիշում նրան և այն աշնան պարզ երեկոն, անձրևաբեր գորշ ամպերով ծածկված երկնքով։

Դուռը բացվեց, և, ես, ուրախության հուզմունքից ծիծաղելով ու լալով սպասում էի մորս։ Սակայն դուրս ելնողը մայրս չէր, այլ մի անծանոթ աղախին։

―Այս ինչ է, Պեգգոտի, ― ասացի ես ողորմելի ձայնով։ ― Մի՞թե մայրիկը դեռ չի եկել։

― Եկել է, եկել, մաստր Դեվի, ― ասաց Պեգգոտին, ― բայց փոքր֊ինչ սպասիր, ես քեզ․․․ լսիր, ես քեզ ինչ կասեմ։

Պեգգոտին կառքից իջնելիս իր գրգռվածության և բնական դանդաղկոտության շնորհիվ զգեստն այնպես պատռեց, որ ես ամոթից ու շվարումից ոչ մի բան չասացի նրան այդ մասին։ Երբ վերջապես գետնի վրա ոտք դրեց, նա շտապով ձեռքս բռնեց և, զարմանալի բան, իսկույն ինձ խոհանոց տարավ և դուռը փակեց։

― Պեգգոտի, ― ասացի ես զարհուրած։ ― Այս ի՞նչ է նշանակում։

― Ոչինչ, ոչինչ, որդի ջան, ― պատասխանեց նա, աշխատելով զվարթ ձևանալ։

― Ես զգում եմ, որ մի բան է պատահել։ Ասա՛, ո՞ւր է մայրիկը։

― Մայրի՞կը, Դեվի ջան, ― կրկնեց Պեգգոտին։

― Այո՛, մայրիկը։ Ինչո՞ւ նա չի երևում դռնակի մոտ և ինչո՞ւ ենք մենք այստեղ մտել։ Ա՜խ, Պեգգոտի։

Աչքերս արտասուքով լցվել էին, և ես ընկնելու վրա էի։

― Աստված իմ, գթա այս մանկանը, ― գոչեց Պեգգոտին, ինձ բռնելով։

― Ի՞նչ եղավ քեզ, սիրելիս։ Ասա՛, խոսի՛ր, որդի ջան։

― Հո նա էլ չի՞ մեռել, Պեգգոտի։

― Ո՛չ, ― աղաղակեց Պեգգոտին բարձր ձայնով․ հետո նստեց և սկսեց հևալ, ասելով թե ես նրան հարված տվի։

Ես բոլոր ուժովս համբուրեցի նրան հարվածիս ազդեցությունը ջնջելու և կամ մի նորը տալու համար, որ ավելի ազդու լիներ, և կանգնեցի նրա առջև, տագնապալից ու զննող հայացք նետելով երեսին։

― Գիտե՞ս ինչ կա, սիրելիս, վաղուց պիտի պատմեի քեզ, ― ասաց Պեգգոտին, ― բայց․․․ չէի կարողանում մտքերս լավ կերոնտացնել (ուզում էր ասել՝ կենտրոնացնել)։

― Դե պատմիր, ― գոռացի ես է՛լ ավելի սարսափած։

― Մաստր Դեվի, գիտե՞ս ինչ կա ― ասաց Պեգգոտին, շտապ֊շտապ բանալով գլխարկի կապը և շնչասպառ խոսելով։ ― Գիտե՞ս ինչ կա։ Հապա իմացիր։ Գիտե՞ս, որ այժմ դու հայրիկ ունես։

Ես դողացի, քար կտրեցի։ Կարծես թե մի գերեզմանի կամ մեռելի գարշ հոտ փչեց երեսիս։

― Մի նոր հայրիկ, ― ասաց Պեգգոտին։

― Մի նո՞ր, ― կրկնեցի ես։

Պեգգոտին թեթև հազաց, հենց իմանաս մի կարծր բան կանգնած լինե կոկորդում, և ձեռքը մեկնելով ասաց․

― Եկ տես նրան։

― Ես չեմ ուզում տեսնել նրան։

― Մայրիկի՞դ էլ չես ուզում տեսնել, ― ասաց Պեգգոտին։

Այլևս չէր կարելի ընդդիմանալ, և մենք մտանք դահլիճը, ուր նա ինձ թողեց։ Վառարանի մի կողմում մայրս էր նստած, մյուս կողմում՝ մր․ Մեորդստոնը։ Մայրիկս կարը դեն ձգեց և շտապելով, բայց կարծես թե այլայլված, վեր կացավ։

― Կլարա, չմոռանաս, սիրելիս, ― ասաց մր․ Մեորդստոնը։ ― Զգույշ պահիր քեզ, միշտ զգույշ։ Բարև Դեվի, ինչպե՞ս ես։

Ես ձեռք տվի նրան։ Մի վայրկյան վարանելուց հետո մոտեցա մորս և համբուրեցի․ նա էլ ինձ համբուրեց, գգվելով ուսս թոթվեց և նորից նստեց կարելու։ Ես չէի վստահում ոչ նրան նայել, ոչ մյուսին, բայց լավ զգում էի, որ այն մյուսը երկուսիս էլ դիտում է, այս դրության մեջ ես մոտեցա պատուհանին և երկար ժամանակ մտիկ էի տալիս ցրտից ճլորած թփիկներին։

Հենց որ փախչելու հնար գտա, վերի հարկը բարձրացա։ Իմ առաջվա սիրուն ննջարանս փոխված էր․ այժմ պիտի հեռավոր մի սենյակի մեջ քնեի։ Դանդաղելով վայր իջա գոնե մի բան գտնելու, որ նախկին ձևը պահպանած լիներ․ ամեն բան փոխված էր․ և այսպես որոր֊մոլոր պտույտ էի գալիս բակի մեջ, բայց ստիպված եղա շուտով հեռանալ, որովհետև մի ժամանակ դատարկ շնարանում այժմ մի ահագին գամփռ էր պառկած․ նրա նման սևադունչ ու սևամազ, որ ինձ տեսնելուն պես դուրս թռավ և քիչ էր մնում կծեր ինձ։

Դ․ գլուխ

Աչքից ընկել եմ


Եթե այն սենյակը, ուր տեղափոխված էր իմ անկողինը, վկայելու ընդունակ մի բանական էակ լիներ, այսօր ես նրան կհրավիրեի (կուզենայի իմանալ, թե ո՞վ է այժմ նրա մեջ քնում) հաստատելու, թե սիրտս որքան ընկճված էր, երբ ես նրա մեջ մտա։ Վերև գնալիս լսում էի, որ շունը իմ հետևից հաչում էր․ սենյակն օտարոտի և տխուր էր երևում ինձ, անշուշտ ինչպես և ես նրան։ Ես նստեցի և ձեռքերս ծալելով սկսեցի մտածել։

Մտածում էի շատ տարօրինակ բաների մասին․ սենյակիս տեսքի մասին, առաստաղի ճեղքերի մասին, պատերին կպցրած թղթի մասին, լուսամուտի ապակու փոսիկների մասին, որոնք դրսի իրերը վետ֊վետ ու երերուն էին ցույց տալիս, լվացարանի սեղանի մասին, որի երեք ոտքերը կարծես թե ցավագար լինեին և ինքն էլ էր դժգոհ, ինչպես որ մրս․ Գըմիջն էր իր «ծերուկին» հիշելիս։ Ես շարունակ լալիս էի, թեև ցուրտ ու լքում զգալուց բացի՝ չգիտեի լացիս բուն պատճառն ինչ է։ Այս հուսահատ դրության մեջ վերջապես միտքս ընկավ, որ ես չարաչար սիրահարված եմ Էմլիի վրա, թե ինձ նրանից հափշտակել են և այստեղ բերել, ուր ինձ ոչ ոք կարոտ չէ և իմ նկատմամբ նրա չափ հոգատար չէ։ Այս դառն զգացումնրից ընկճված, ես կծկվեցի վերմակիս տակ և լալով քուն մտա։

Ես արթնացա, լսելով մի ձայն, թե, ― «ահա այստեղ է», զգացի, որ մեկը քրտնած գլուխս բաց է անում։ Մայրիկս և Պեգգոտին եկել էին ինձ տեսնելու, և ձայն հանողը նրանցից մեկն էր։

― Դեվի, ― ասաց մայրիկս, ― ի՞նչ ունես։

Զարմացա, որ նա կարող է այդպիսի բան հարցնել, և պատասխանեցի՝ ոչինչ։ Այնուհետև շուռ եկա, շրթունքիս դողը թաքցնելու, որպեսզի նա սրտիս վիճակը չիմանա։

― Դեվի, ― ասաց մայրիկս։ ― Դեվի, որդյակ իմ։

Ինչ էլ մայրիկս ասեր, այնքան ինձ չէր հուզի, որքան հուզեցին այդ «որդյակ իմ» խոսքերը։ Ես արտասուքս վերմակի տակ թաքցի և մի ձեռքով ետ հրեցի մայրիկիս, որ ուզում էր բարձրացնել ինձ։

― Այս քո գործն է, Պեգգոտի, ա՜յ դու անգութ արարած, ― գոչեց մայրիկս։ ― Ես այս «առաջուց գիտեի»։ Ինչպե՞ս է խիղճդ տանում հարազատ որդուս իմ դեմ գրգռել և կամ թե մի ուրիշի դեմ, որին ես սիրում եմ։ Այս ի՞նչ է նշանակում, Պեգգոտի։

Խեղճ Պեգգոտին աչքերն ու ձեռքերը դեպի վեր ուղղեց և իմ ճաշի աղոթքի եղանակով պատասխան տվեց․

― Թող աստված ձեզ թողություն շնորհի, մրս․ Կոպպերֆիլդ, և այնպես անի, որ դուք երբեք այդ խոսքերի համար չզղջաք։

― Քիչ է մնում, որ խելագարության հասցնես ինձ, ― գոչեց մայրիկս։ ― Այն էլ ե՞րբ։ Մի այնպիսի ժամանակ, երբ ամենաչար թշնամիս անգամ չէր ուզի իմ երջանկությունը վրդովել։ Ա՜յ դու, փիս Դեվի, ա՜յ դու բարբարոս Պեգգոտի։ Օ՜հ, աստված իմ, ― աղաղակում էր վրդովված ու գրգռված մայրս՝ մեկ ինձ, մեկ Պեգգոտիին դիմելով։ ― Այս ի՞նչ անպիտան աշխարհ է, որ փոքր֊ինչ քաղցրություն վայելես թե չէ, իսկույն էլ դառնության ես հանդիպում։

Այդ վայրկյանին ես մի ձեռքի հպում զգացի, որը ոչ մայրիկինս էր, ոչ էլ Պեգգոտիի, և իսկույն կուչ եկա։ Այդ մր․ Մեորդստոնի ձեռքն էր, որ ծանրանում էր թևիս վրա։

― Այս ի՞նչ է, Կլարա, սիրելիս, ― ասաց նա։ ― Արդեն մոռացար, որ պետք է սիրտդ ամուր պահես։

― Շատ ցավում եմ, Էդուարդ, ― ասաց մայրս։ ― Ուզում էի հանգիստ լինել, բայց ահա բարկացա։

― Իրավ եմ ասում, ― նկատեց մյուսը։ ― Ես չեմ ուզում այդպիսի բան լսել քեզնից, այն էլ ճիշտ այս միջոցին։

― Բայց մի՞թե անգթություն չի նեղացնել ինձ, հենց այժմ, ― պատասխանեց մայրիկս՝ շրթունքը կծելով։ ― Չէ՞ որ դա․․․ շատ․․․ շատ կոպիտ վարմունք է։

Մարդը դեպի ինքը քաշեց նրան, ականջին մի բան շշնջաց և երեսը համբուրեց։ Երբ ես մորս գլուխը մր․ Մեորդստոնի ուսին հենած ու ձեռքերը նրա վզին փարված տեսա, իսկույն ևեթ հասկացա, որ այդ մարդը միշտ կարող է այնպես թեքել մորս ճկուն բնավորությունը, ինչպես որ ինքը կամենա։

― Ներքև իջիր, սիրելիս, ― ասաց մր․ Մեորդստոնը։ ― Ես էլ կգամ Դավթի հետ։ Իսկ դու, աղջիկ֊պարոն, ― շարունակեց նա, Պեգգոտիի վրա մի խոժոռ հայացք գցելով, մինչ ժպտում էր մորս ճանապարհ ձգելիս, ― դու տիըուհուդ անունը գիտե՞ս։

― Այսքան տարի նա տիրուհիս է․ մի՞թե կարելի է, որ անունը չիմանամ, ― պատասխանեց Պեգգոտին։

― Ճշմարիտ է, ― ասաց մր․ Մեորդոստոնը։ ― Բայց սանդուղքով բարձրանալիս ես լսեցի, որ դու նրան այնպիսի անուն ես տալիս, որ նրանը չէ։ Նա իմ անունն է ընդունել․ այդ հո գիտե՞ս։ Ուրեմն խնդրեմ՝ չմոռանաս։

Պեգգոտին անհանգիստ աչքով նայեց ինձ և առանց պատասխան տալու հեռացավ, երևի թե զգում էր, որ իր գնալը ցանկալի է պարոնին, իսկ մնալը՝ ավելորդ։ Երբ ես և մր․ Մեորդստոնը մենակ մնացինք, նա դուռը փակեց, նստեց աթոռի վրա և իր առջև կանգնեցնելով ինձ, շեշտակի աչքերիս մեջ նայեց։ Զգում էի, որ իմ աչքերն էլ բևեռված են նրա աչքերին։ Այսպես նրա հետ դեմ առ դեմ գտնվելը հիշելով, կարծես այսօր էլ լսում եմ, թե ինչպես իմ սրտիկը թնդում էր։

― Դավի՛թ, ― ասաց նա, շրթունքը սեղմելով։ ― Եթե ես մի ըմբոստ ձի կամ թե շուն ունենամ, ի՞նչ ես կարծում, ի՞նչ կանեմ։

― Չգիտեմ։

― Ես նրան կծեծեմ։

Ես պատասխանել էի նրան նվաղած ձայնով, իսկ այժմ շունչս գրեթե կտրվեց։

― Ես նրան այնպես կհնազանդեցնեմ, որ ցավից ոսկորները կճռճռան։ Ես ասել եմ․ ահա մի ստամբակ տղա, որին այնքան պիտի սանձեմ, որ երակների արյունը քամվի։ Այդպես էլ կանեմ․․․ Այս ի՞նչ է երեսիդ վրա։

― Կեղտ, ― ասացի ես։

Ես գիտեի, նա էլ գիտեր, որ արտասուքիս հետքն է այդ․ սակայն եթե նա քսան անգամ էլ իր հարցը կրկներ, ամեն անգամ քսան֊քսան հարված տալով ինձ, դարձյալ ես կուզենայի շունչս փչել, քան թե ուրիշ պատասխան տալ։

― Դու հասակիցդ ավելի խելոք տղա ես, ― ասաց նա իրեն հատուկ ծանր ժպիտով, ― և տեսնում եմ, որ մեր միտքը լավ ես հասկացել։ Գնա իսկույն երեսդ լվա, ա՜յ պարոն, և եկ միասին վար իջնենք։

Նա ցույց տվեց լվացվելու սեղանը և գլխով նշան արեց, որ իր հրամանն անմիջապես կատարեմ։ Չէի կասկածում, որ նա առանց խղճալու իսկույն գետնով կտա ինձ, եթե ես նրան դիմադրեմ։

― Կլարա, հոգիս, ― ասաց նա, երբ իր պատվերը կատարեցի և նա իմ թևից բռնելով մորս սենյակը տարավ ինձ, ― այսուհետև քեզ վշտացնող չի լինի։ Մենք կշտապենք մեր ստահակի բարքն ուղղել։

Աստված վկա է, որ գուցե ընդմիշտ ուղղվեի ես և ավելի լավ մարդ դառնայի, եթե այդ րոպեին մի քաղցր խոսք ասվեր ինձ․ իմ մանկական տգիտությանը զիջեր և սիրալիր բացատրությամբ հասկացներ, որ ես մեր տանն եմ, մեր հարկի տակ, արդեն դրանով նա իմ սիրտը կգրավեր, և ես կեղծավոր հնազանդության տեղ՝ հոժարակամ հնազանդություն ցույց կտայի նրան և ատելության փոխարեն՝ հարգանք կզգայի դեպի նա։ Ինձ թվում էր, թե մայրիկս տրտմեց այնպես շվավրած տեսնելով ինձ իր սենյակում, և թե ավելի տրտում աչքով նայեց ինձ, երբ ես համրաքայլ մոտենում էի աթոռին, և գուցե ուզեց, որ ժիր֊ժիր վազեմ, ― բայց և այնպես այն րոպեին նա ոչ մի բան չարտասանեց, իսկ հետո արդեն ուշ էր։

Մենք երեքս միասին ճաշեցինք։ Կարծես թե մր․ Մեորդստոնը, շատ սիրով էր մայրիկիս հետ, սակայն, ամաչելով պիտի ասեմ, այդ հանգամանքը չհաշտեցրեց ինձ նրա հետ․ մայրիկս էլ նրա հետ սիրով էր։ Նրանց խոսակցությունից իմացա, որ մր․ Մեորդստոնի ավագ քույրը մեզ մոտ պիտի գա բնակվելու և նույն երեկո էլ սպասվում է։ Լավ չեմ հիշում՝ ա՞յդ միջոցին էր արդյոք, թե՞ հետո, լսեցի որ թեև մր․ Մեորդստոնը մի հաստատ զբաղմունք չունի, սակայն մի որոշ եկամուտ է ստանում մի լոնդոնցի գինեվաճառի տնից, որի հետ իր գերդաստանը դեռ պապից սկսած կապ է ունեցել, և որ քույրն էլ մի այդպիսի հասույթ է ստանում միևնույն տնից․ ինչևիցե, հարևանցի եմ հիշատակում այս բանը։

Ճաշից հետ, մինչ մենք վառարանի առջև նստած էինք, և ես մտածում էի, թե ի՞նչ կերպ Պեգգոտիի մոտ փախչեմ, առանց նոր տանտիրոջ բարկությունը շարժելու, մի կառք մոտեցավ պարտեզի դռանը։ Մր․ Մեորդստոնը գնաց դիմավորելու եկվորին․ մայրիկս էլ գնաց նրա հետևից։ Մինչ ես երկյուղով հետևում էի մայրիկիս, նա հանկած դահլիճի դռան հետևը, մթության մեջ շուռ եկավ, առաջվա պես գրկեց ինձ և տաք֊տաք համբուրեց, շշնջալով, որ ես սիրեմ և հնազանդ լինեմ իմ նոր հորը։ Այս բոլորը նա շտապ֊շտապ և թաքուն արեց, կարծես թե արածը մի հանցանք լիներ, բայց և մեծ ջերմությամբ, և ձեռքս բռնած՝ տարավ ինձ մինչև պարտեզի այն տեղը, ուր կանգնած էր իր մարդը։ Այստեղ նա թողեց ինձ և նրա թևը մտավ։

Եկողը միս Մեորդստոնն էր, մի անժպիտ սևահեր տիկին, ձայնով ու երեսով եղբոր նման, ահագին քթի վերևը իրար կցված թավ հոնքերով, որոնցով կարծես մտադիր էր փոխարինել ծնոտի մորուքը, որ իբրև կին չէր կարող կրել բնական տեղում։ Նա բերում էր իր հետ երկու հատ բիրտ ու կոպիտ սև սնդուկ, որոնց խուփերի վրա պղնձե մեխերով նշանակված էին նրա անվան սկզբնատառերը։ Կառապանի վարձը նա հանեց մի կարծր ու կոշտ պողպատե քսակից, իսկ քսակը պահել էր թևից շղթայով կախված զնդանի նման մի խոր պայուսակում, որի բերանը փակվելիս շաչեց։ Ես դեռ կյանքում չէի տեսել մի այնպիսի մետաղե կին, ինչպես որ Էրմիս Մեորդստոնը։

Նրան ամեն տեսակ մեծարանքով դահլիճ տարան և միայն այնտեղ նա հանդիսաբար ողջունեց մորս, իբրև մի նոր և մերձավոր ազգականի։ Հետո իմ վրա նայեց և հարցրեց․

― Սա ձե՞ր որդին է, հարս։

Մայրս դրական պատասխան տվեց։

― Առհասարակ ես տղա չեմ սիրում, ― ասաց միս Մեորդստոնը։ ― Ինչպե՞ս ես դու, ա՜յ տղա։

Այդ քաջալերական ողջյունին ես պատասխանեցի, թե շատ լավ եմ և հույս ունեմ, թե նա էլ լավ է, բայց այս բոլորը այնպես չոր֊չոր ասացի, որ միս Մեորդստոնը իսկույն վճռեց իմ մասին․

― Անշնո՜րհք է։

Այս վճիռը շատ հաստատ ձայնով տալուց հետո, նա խնդրեց ցույց տալ իր սենյակը, որ այն օրից ի վեր ինձ համար մի ահ ու սարսափի տեղ դարձավ։ Ոչ մի աչք չտեսավ երբեք, որ երկու սև սնդուկները չփակված կամ բաց թողնվեին այդ սենյակում։ Միայն մի երկու անգամ, միս Մեորդստոնի բացակայության ժամանակ, դռան արանքով ներս նայելիս, ես նկատեցի բազմաթիվ պողպատե շղթաներ և զանազան կեռ երկաթներ, որոնք նրա հայելու շուրջն ահեղ շարքով կախված էին․ դրանք միս Մեորդստոնի արդուզարդի իրերն էին։

Ինչքան կարողացա այն ժամանակ հասկանալ՝ նա եկել էր ընդմիշտ մեզ մոտ մնալու և մտադիր չէր հեռանալ։ Հետևյալ առավոտյան նա սկսեց «օգնել» մորս, մինչև երեկո ամեն բան տեղից շարժեց, առաջվա կարգն ու սարքը տակնուվրա անելով։ Առաջին նշանավոր բանը, որ ես նկատեցի միս Մեորդստոնի վրա, նրա հարատև կասկածն էր, թե առավոտները տան որևէ անկյունում մի մարդ թաքցրած կլինեն։ Այս պատիր կարծիքով նա օրվա ո՛ր ժամին ասես իջնում էր ածխի ամբարը և կամ մութ շտեմարանը և ոչ մի դռնակ չէր բաց անում, որ իսկույն նորից չփակեր՝ այն համոզումով, թե ահա բռնեց թաքնված մարդուն։

Թեև միս Մեորդստոնը ոչ մի բանով թռչունի նման չէր, բայց արշալույսը բացվեր թե չէ՝ արտույտի պես զարթնում էր։ Եվ մինչ ամենքը քնած էին, նա արդեն պտույտ էր գալիս (մինչև այսօր էլ հավաստի եմ թաքնված մարդուն գտնելու համար)։ Պեգգոտին մինչև անգամ պնդում էր, թե միս Մեորդստոնը քնելիս մեկ աչքը բաց է պահում․ սակայան ես համաձայն չէի նրա հետ, որովհետև այդ կարծիքը լսելուց հետո՝ ինքս իմ վրա մի քանի անգամ փորձել էի ու գտել, որ այդպես քնել անհնարին է։

Միս Մեորդստոնը գալու երկրորդ օրը աքլորի կանչելուց առաջ վեր կացավ և զանգը տվեց։ Երբ մայրիկս նախաճաշի ժամին վար իջնելով թեյ պատրաստելու վրա էր, միս Մեորդստոնը քթի ծայրով նրա թուշը շոշափեց, որ համբյուրի նշան էր, և ասաց․

― Գիտե՞ս, Կլարա, սիրելիս, ես նրա համար եմ այստեղ եկել, որ ձեր հոգսերի բեռը որքան կարելի է թեթևացնեմ։ Դուք դեռ այնքան գեղեցիկ եք և մանուկ (այս խոսքերից մայրս ժպտաց ու կարմրեց, բայց կարծես վշտացավ), որ լավ կլիներ ազատել ձեզ ձեր պարտականությունների այն մասից, որ ես ինքս կարող եմ կատարել։ Ուստի սիրելիս, եթե կամենաք ձեր բանալիները ինձ հանձնել, ապագայում ես ամեն բան կհոգամ։

Այդ օրվանից սկսած միս Մեորդստոնը ցերեկով բանալիներն իր բանտանման պայուսակի մեջ էր պահում, իսկ գիշերով բարձի տակ, և այնուհետև նրանք ոչ մորս ձեռքն էին ընկնում, ոչ էլ իմ։

Մայրս, սակայան, զանց չարավ բողոքելու՝ իր հեղինակությունը նվազեցնելու դեմ։ Մի երեկո, մինչ Մեորդստոնը մի քանի տնտեսական մտքեր էր հայտնում եղբորը, նրա հավանությունը գտնելով, մայրս հանկարծ լաց եղավ և ասաց, թե նրանք կարող են իր կարծիքն էլ հարցնել։

― Կլարա, ― ասաց մր․ Մեորդստոնը խստությամբ։ ― Կլարա, զարմանում եմ վրադ։

― Այո, Էդուարդ, հեշտ է ասել՝ զարմանում եմ, ― գոչեց մայրիկս, ― և ամրության մասին խոսել, բայց դու ինքդ չէիր ուզի, որ ես ամուր ու պինդ լինեի։

Պիտի ասեմ, որ ամրությունը այն երևելի հատկությունն էր, որով պարծենում էին թե՛ մր․ և թե՛ միս Մեորդստոնը։ Չգիտեմ, թե այն ժամանակ ես ինչպես կհայտնեի իմ միտքը, եթե պետք լիներ այդ ամրությունը բնորոշել․ բայց պարզ զգում էի, որ դա մի բռնակալություն է, միայն թե ուրիշ անունով, մի դաժան, կամակոր և ամբարտավան նկարագիր, որ երկուսին էլ հատուկ էր։ Նրանց դավանությունը, իմ այսօրվա կարծիքով, հետևյալն էր․ մր․ Մեորդստոնը ամուր մարդն էր և ոչ ոք նրա շուրջը իրավունք չուներ նրա չափ ամուր լինելու, որովհետև նրա ամրության առջև ամեն մարդ պարտավոր էր մեջք ծռել ու խոնարհվել։ Միս Մեորդստոնը բացառություն էր։ Նրան թույլ էր տրված ամուր լինել, բայց միայն հանուն ազգակցական, այն էլ միայն ենթակա և ստորադրյալ պաշտոնի մեջ։ Մայրս երկրորդ բացառությունն էր։ Նա կարող էր, մինչև անգամ պարտավոր էր ամուր լինել, բայց միայն պայմանով, որ նրանց ամրությանը հնազանդվի և հավատա՝ թե մի ուրիշ ամրություն չկա աշխարհիս երեսին։

― Շատ ծանր է ինձ, ― ասաց մայրս, ― որ իմ տանն անգամ․․․

― Ի՜մ տանը, ― կրկնեց մր․ Մեորդստոնը։ ― Կլարա։

― Մեր տանը, ուզում եմ ասել, ― թոթովեց մայրս հայտնապես զարհուրած։ ― Հուսամ, որ դու կհասկանաս ասելիքս, Էդուարդ․․․ Շատ դառն է ինձ, որ հենց քո տանը ես չեմ կարող մի բառ ասել մեր տնային գործերի մասին։ Մեր ամուսնանալուց առաջ ես ինքս էի կառավարում ամեն բան, և կարծեմ շատ լավ։ Ուրիշներն էլ այդ կհաստատեն, ― ասաց մայրիկս հեկեկալով։ ― Հարցրու Պեգգոտիին, արդյոք լավ չէ՞ր իմ տնտեսությունը, երբ ոչ ոք չէր խառնվում գործերիս։

― Էդուարդ, ― ասաց միս Մեորդոստոնը, ― վերջ դնենք այս բոլորին։ Ես վաղը հեռանում եմ։

― Լսիր, Ջեն Մեորդստոն, ― ասաց նրա եղբայրը։ ― Խոսքերիդ նայելով կարելի է կարծել, որ դու դեռ քիչ ես ճանաչում ինձ։

― Ես այն կասեմ միայն, ― շարունակեց խեղճ մայրիկս, էլ ավելի նեղն ընկնելով և ավելի սաստիկ արտասվելով, ― միայն կասեմ, որ ոչ մեկի հեռանալը չեմ ուզում։ Ես շատ անբախտ ու թշվառ կլինեմ, եթե ով էլ լինի՝ հեռանա։ Իմ խնդրածը մեծ բան չէ։ Ես պահանջող չեմ։ Ես կուզենայի միայն, որ ինձ հետ էլ երբեմն խորհրուրդ տեսնեն։ Ով էլ ինձ օգնելու լինի, ես նրան շատ շնորհակալ կլինեմ, միայն թե երբեմն֊երբեմն գեթ ձևի համար, իմ կարծիքն էլ հարցնեին։ Ինձ թվում էր, Էդուարդ, թե իմ անփորձ ու ջահել լինելս փոքր֊ինչ առաջ սիրելի էր քեզ․ գոնե ինքդ էիր այդպես ասում․ իսկ այժմ կարծեմ հենց դրա համար ես ատում ինձ։ Որքա՜ն խիստ ես։

― Էդուարդ, ասաց կրկին միս Մեորդստոնը, ― վերջ դնենք այս բոլորին։ Ես վաղը հեռանում եմ։

― Ջեն Մեորդստոն, ― դարձայլ որոտաց մր․ Մեորդստոնը։ ― Կլռե՞ս, թե՞ ոչ։ Ինչպե՞ս ես համարձակվում․․․

Միս Մեորդստոնը բանտից հանեց թաշկինակն ու աչքերի առջև բռնեց։

― Կլարա, ― շարունակեց մր․ Մեորդստոնը մորս դիմելով, ― դու ինձ զարմացնում ես, ապշեցնում ես։ Այո՛, սիրելի էր ինձ ամուսնանալ մի անփորձ ու միամիտ էակի հետ և կրթել նրա բնավորությունը և տալ նրան այնքան ամրություն, պնդություն և հաստատություն, ինչքան որ պետք է։ Սակայն, երբ Ջեն Մեորդստոնը զիջում է մեզ մոտ գալ այս գործում ինձ օգնելու համար, և մի աղախնու դեր կատարել, և երբ նա մի անարգիչ հատուցման է հանդիպում․․․

― Օ՜հ, աստծո սիրուն, Էդուարդ, ― գոչեց մայրիկս, ― մի ասի, թե ես ապերախտ եմ։ Ես ապերախտ չեմ։ Ոչ մի ժամանակ և ոչ ոք իմ մասին այդպիսի բան չի ասել․ ես շատ թերություններ ունեմ, բայց ապերախտ չեմ։ Ո՛չ, ո՛չ, սիրելիս։

― Եվ երբ Ջեն Մեորդստոնը իր բարության փոխարեն մի անարգիչ հատուցման է հանդիպում, ― առաջ տարավ մր․ Մեորդստոնը մորս լռելուն սպասելուց հետո, ― այն ժամանակ իմ սերը սառչում է և ուրիշ զգացման տեղի տալիս։

― Օ՜հ, մի ասա այդպիսի բան, սիրելիս, ― գոչեց մայրս աղերսանքով։ ― Մի՛ ասի, Էդուարդ․ ես չեմ դիմանա այդ մեղադրանքին։ Ինչ թերություն էլ ունենամ, դարձյալ բարեսիրտ եմ։ Ես այդ չէի ասի, եթե վստահ չլինեի, որ այդպես եմ։ Կուզես, հարցրու Պեգգոտիին։ Հաստատ գիտեմ, նա էլ կասի, որ ես բարի եմ։

― Թուլություն ասված բանը, Կլարա, մազի չափ արժեք չունի իմ աչքում, ― պատասխանեց մր․ Մեորդստոնը։ ― Զուր են խոսքերդ։

― Աղաչում եմ, եկ հաշտվենք և իրար հետ սիրով լինենք, ― ասաց մայրս, ― ես չեմ կարող սառնության և տհաճության դիմանալ։ Սիրտս այնքան տխուր է։ Գիտեմ, ես շատ պակասություններ ունեմ, և դու, Էդուարդ, լավ ես անում, որ կամենում ես ուղղել ինձ քո ամրությամբ։ Ջեն, ինչ֊որ կամենաք՝ արեք, ես ոչ մի բանում չեմ դիմադրի, միայն թե շատ կհուսահատվեմ, եթե որոշեք թողնել մեզ․․․

Վշտի սաստկությունից մայրիկս չկարողացավ ասելիքը վերջացնել։

― Ջեն Մեորդստոն, ― ասաց մր․ Մեորդստոնը, քրոջը դիմելով, ― կոպիտ խոսքեր բանեցնելը սովորական չէ մեր միջև։ Ես մեղավոր չեմ, որ այս երեկո մի տարօրինակ դեպք պատահեց։ Ինձ գրգռեցին։ Դու էլ մեղավոր չես․ քեզ էլ գրգռեցին։ Ուրեմն մոռանանք այդ բոլորը։ Բայց որովհետև, ― շարունակեց նա իր վեհանձն խոսքերից հետո, ― այս տեսարանը մի երեխայի համար չէ, ուրեմն Դավիթ, դու գնա քնիր։

Աչքերումս հավաքված արտասուքից ես հազիվ կարողացա դուռը գտնել, այնպես էի հուզվել մորս վշտից։ Մթութայն մեջ խարխափելով իմ սենյակը բարձրացա, սիրտ չունեի անգամ Պեգգոտիին բարի գիշեր ասելու և կամ թե մոմ խնդրելու։ Մի ժամից հետո նա ինքը եկավ իմ ննջարանը և զարթեցնելով ինձ ասաց, թե մայրիկս տխուր֊տխուր գնացել է քնելու, իսկ մր․ և միս Մեորդստոնները դեռ նստած են դահլիճում։

Հետևյալ առավոտյան ես սովորականից առաջ վար իջա։ Դահլիճի մոտով անցնելիս մորս ձայնը լսեցի և կանգ առա դռան առջև։ Նա հեզամիտ հլությամբ ներում էր խնդրում միս Մեորդստոնից, վեհանձն տիկինը վերջ ի վերջո ներեց նրան, և նրանք լիովին հաշտվեցին։ Այն օրից ի վեր ոչ մի անգամ չտեսա, որ մայրիկս մի բանի մասին կարծիք հայտներ՝ առաջուց միս Մեորդոստոնի միտքը չիմացած, չտեսա, որ ամեն անգամ, երբ միս Մեորդստոնը բարկության րոպեներին (չնայելով իր պնդության՝ այդ կետում նա թույլ էր) ձեռքը պայուսակի կողմն էր մեկնում, իբր թե բանալիները հանելու և մորս վերադարձնելու համար, ― մայրս սարսափ չզգար, այդ շարժումից։

Մեորդստոնների արյունին հատուկ սև գույնը մթնեցնում էր մինչև անգամ նրանց կրոնական զգացմունքը, որ դաժան ու մոլեգին էր։ Վերջերս, այդ կետի մասին մտածելիս, ես կարծել եմ, թե այդ հատկությունը առաջ էր գալիս մր․ Մեորդստոնի ամրությունից, որ թույլ չէր տալիս նրան ետ կանգնել պատիժներից ամենածանրը գործ դնելուց, ուր էլ միայն առիթ գտներ մեկին կամ մյուսին պատժելու։ Ինչևիցե, լավ եմ հիշում այդ երեկո զարհուրելի դեմքերը, որոնք սովորաբար ուղեկցում էին մեզ դեպի մեր եկեղեցին և դրա փոխված պատկերը։ Ահա գալիս է սարսափելի կիրակին, և ես առաջինն եմ մեր հին նստարանը ոտք դնում, իբրև մի մահապարտ, որին տարել են վերջին աղոթքը լսելու։ Ահա միս Մեորդստոնն իր՝ նաշի ծածկույթի նման թավշկա սև զգեստով․ նա գալիս է անմիջապես իմ հետևից, նրան հետևում է իմ մայրը և ապա մորս ամուսինը։ Պեգգոտին այլևս մեզ հետ չի։ Լսում եմ միս Մեորդստոնի մրմունջը և այն ահեղ խոսքերը, որ նա շեշտում է ամբարտավան հաճությամբ և շեշտելիս գոռոզ֊գոռոզ շուրջն է նայում, ասես կամենալով հասկացնել, թե մուս բոլոր աղոթողները միայն անբարիշտ մեղավորներ են։ Ահա մայրիկս, որին մեկ֊մեկ նայում եմ․ նրա շրթունքները համարյա թե անշարժ են, և նա նստած է իր ամուսնու և տալի միջև, որոնց աղոթքը որոտման պես երկու կողմից դռնչում է նրա աջ ու ձախ ականջի մեջ։ Հանկարծական ահով բռնված ես մտածում եմ․ մի՞թե աստված դրանց աղոթքը կընդունի․ բայց որովհետև այդ միջոցին գլուխս փոքր֊ինչ շարժում եմ, միս Մեորդստոնն իր սաղմոսով խփում է կողքիս, և ես սաստիկ ցավ եմ զգում։

Ահա դուրս ենք գալիս եկեղեցուց, և ես տեսնում եմ, որ հարևան կանայք մորս ու ինձ դիտում են և իրար հետ փսփսում։ Մերոնք իրար ձեռք տված առաջ են անցնում, իսկ ես ծանրաքայլ հետևում եմ նրանց, նկատելով դրացիների հայացքը, և հարցնում ինքս ինձ․ ― Մի՞թե մորս քայլերն առաջվա պես թեթև չեն․ մի՞թե նրա թարմ գեղեցկությունը թառամել է։ Արդյոք ոչ ոք այդ դրացիներից չի՞ հիշի, թե ինչպես մի ժամանակ նա և ես միասին էինք տուն գնում։ Եվ այսպիսի հարցերով գլուխս մաշում էի մինչև այն տխուր ու ցավագին օրվա վերջը։

Մի օր ինձ վարժարան տալու մասին խոսք եղավ։ Այս միտքը նախ և առաջ մր․ և միս Մեորդստոնները հայտնեցին, մայրս էլ, իհարկե, նրանց համամիտ գտնվեց։ Սակայն խնդիրը դեռ վճռված չէր, և ես առժամանակ մեր տանն էի դաս առնում։

Կարո՞ղ եմ ադրյոք այդ դասերը մոռանալ։ Դաս տվողն ըստ անվան մայրիկս էր, բայց իրոք ես մր․ Մեորդստոնի ու նրա քրոջ վերահսկողության ներքո էի, որոնք միշտ ներկա էին դասերին, առիթ փնտրելով վարժելու մորս այն նզոված ամրության մեջ, որ մեզ երկուսիս պատուհասն էր։ Ես հավաստի եմ, որ հատկապես այդ նպատակով ինձ տանը թողին։ Ես բավական ուշիմ ու ուսումնսեր տղա էի, երբ ապրում էի միայն մորս հետ։ Հազիվ եմ մտաբերում, թե ինչպես եմ այբուբենը սովորել նրա ծնկների վրա։ Դեռ այսօր էլ առաջին դասագրքիս սև֊սև տառերը տեսնելիս հիշում եմ, թե որքան նրանց ձևերը, տարօրինակ, նորանշան էին երևում ինձ, սակայն ոչ մի զզվելի կամ դառն հիշատակ չեն թողել նրանք սրտիս մեջ։ Ընդհակառակն՝ ինձ թվում է, թե մի ծաղկաշատ շավղով էի գնում մինչև նույնիսկ կոկորդիլոսների հայտնի գիրքը, և այդ բոլոր ճանապարհը մայրիկս ինձ հեշտացնում էր իր հեզիկ ձայնով ու քաջալերիչ հորդորով։ Բայց Մեորդստոնների առջև կատարվող հանդիսավոր, խիստ դասերը հիշելիս՝ զգում եմ, որ դրանք իմ հոգեկան հանգստությունը վրդովող դառն֊դառն հարվածներ էին և ամենօրյա չարչարանք ու տառապանք։ Իմ գլուխը պտույտ էր գալիս այդ դասերից և հավատացած եմ, որ մայրիկս ինձնից պակաս չէր տանջվում նրանց պատճառով։ Օ՜հ, որքան հոգնեցուցիչ, տաղտկալի, տաժանելի և անիմաստ էին այդ անվերջ դասերը։

Կփորձեմ ցույց տալ, թե ինչպե՞ս էին լինում դրանք, և կհիշեմ մի առավոտ։

Նախաճաշից հետո ես իջնում եմ մեր երկրորդ դահլիճը, իմ գրքերը, տետրակն ու քարետախտակը հետս բերելով։ Մայրիկս արդեն սպսաում է ինձ սեղանի առջև, բայց ոչ ոք այնքան, որքան մր․ Մեորդստոնը, որ պատուհանի առջև բազկաթոռում նստած, իբր թե գիրք է կարդում, կամ թե միս Մեորդստոնը, որ մորս կողքին նստած է, երկաթե ուլունք անցկացնելով թելի վրա։ Այդ երկուսին տեսնելն արդեն մի բթացուցիչ ազդեցություն է անում իմ վրա, և ես սկսում եմ զգալ, որ անվերջ ջանքով սերտած բառերս մեկ֊մեկ փախչում են իմ գլխից և չգիտեմ ո՞ւր գնում։ Այսօր անգամ ես չեմ կարող ըմբռնել, թե ո՞ւր էին գնում։

Տալիս եմ մորս իմ ձեռքն ընկած առաջին գիրքը․ գուցե դա քերականություն է, գուցե պատմություն, գուցե աշխարհրագրություն։ Գիրքը մորս հանձնելիս մի վերջին հուսահատ հայացք եմ նետում գրքի բաց երեսի վրա և սկսում շտապով ասել օրվա դասս, որ դեռ թարմ է մտքիս մեջ․ բայց ահա սայթաքում եմ մի բառի վրա։ Մր․ Մեորդստոնն աչքերը բարձրացնում է։ Ես սայթաքում եմ մի ուրիշ բառի վրա։ Միս Մեորդստոնն է աչքերը բարձրացնում։ Ես կարմրում, այլայլվում եմ, փախցնում եմ հինգ֊վեց բառ և կանգ առնում շփոթված։ Մայրիկս հարկավ թույլ կտար ինձ նայել գրքին, եթե միայն համարձակվեր, բայց նա չի համարձակվում, և միայն ասում է հանդարտ․

― Ա՜խ, Դեվի, Դեվի։

― Այժմ, Կլարա, մի քիչ պետք է ամրությամբ վարվել այդ տղայի հետ, ― ասում է մր․ Մեորդստոնը։ ― Ինչացո՞ւ է այդ «Ա՜խ, Դեվի, Դեվի»֊ն․ դա երեխայություն է։ Երկուսից մեկը․ նա կամ գիտի իր դասը և կամ չգիտի։

― Նա չգիտի իր դասը, ― վճռում է միս Մեորդստոնը զարհուրելի եղանակով։

― Ինձ էլ թվում է, թե չգիտի, ― ասում է մայրս։

― Ուրեմն երկար խոսելն էլ ավելորդ է, Կլարա, ― վրա է բերում միս Մեորդստոնը։ Ետ տվեք նրան գիրքը։ Թող գնա դասը լավ սերտի։

― Ես էլ հենց այդ էի ուզում, սիրելի Ջեն, ― պատասխանում է մայրիկս։ ― Դե, գնա, Դեվի, էլի մի անգամ դասդ կրկնիր և այդքան ապուշ մի՛ լինիր։

Հնազանդվում եմ նրա հրամանի առաջին կետին, բայց երկրորդ կետն էլ կատարելը իմ ուժերից վեր է, քանի որ ես շատ ապուշ եմ։ Դասը նորից ասելիս ես սայթաքում եմ հենց սկզբում և ճիշտ այնտեղ, ուր առաջ ազատ սահել էի, և կանգ առնում մտածելու, բայց ոչ թե դասի մասին, այլ թե՝ քանի արշին շղարշ է գնվել միս Մեորդստոնի գլխանոցի համար, կամ թե ի՞նչ կարժենա մր․ Մեորդստոնի խալաթը, և կամ մի ուրիշ այս տեսակ ծիծաղելի բան, որի հետ ամենևին գործ չունեի և չէի կարող ունենալ։ Մր․ Մեորդստոնը մի անհամբեր շարժում է անում, որին վաղուց սպասում էի։ Նույն անում է և միս Մեորդստոնը։ Մայրիկս մի հլու հայացք է ձգում նրանց վրա, գոցում է գիրքս և մի կողմ դնում, իբրև մի ապառիկ, որ ես պետք է վճարեի մյուս դասերս ավարտելուց հետո։

Շատ չանցած այդ ապառիկները դիզվում են և ցած գլորված ձյունե գնդակի նման արագ աճում։ Եվ որքան գնդակն աճում է, այնքան էլ ապուշությունս ավելանում։ Դրությունս արդեն տագնապալի է․ ես զգում եմ, որ խրվել եմ անիմաստ բաների անդունդի մեջ, որից փրկվելու հնար չկա, և անձնատուր լինում ճակատագրիս։ Իրավ, անհույս են այդ հայացքները, որ մայրս և ես փոխանակում ենք շփոթվելով։ Սակայն մեր թշվառ դասերի ամենամեծ էֆեկտը տեղ է գտնում այն րոպեին, երբ մայրիկս (կարծելով թե ոչ ոք իրեն չի դիտում) շրթունքի մեղմ շարժումով փորձում է մի կերպ օգնել ինձ։ Իսկույն միս Մեորդստոնը, որ դարանամիտ լրտեսի պես սպասում էր միայն այդ րոպեին, սպառնական բամբ ձայնով ասում է․

― Կլա՛րա։

Մայրիկս ցնցվում է, շառագունում և թեթև ժպտում։ Մր․ Մեորդստոնը բազզկաթոռից վեր է կենում, դասաքիրքը գլխիս շպրտում և ուսերիցս բռնելով սենյակից դուրս վռնդում ինձ։

Դասերս հաջող էլ որ վերջանան, դարձայլ ինձ մի սոսկալի տանջանք է սպասում․ դա մր․ Մեորդստոնի հատուկ ինձ համար շարադրած թվաբանական ահեղ խնդիրն է, որ նա այսպես է առաջարկում ինձ․ «Ես գնում եմ պանրավաճառի խանութ և առնում հինգ հազար գլուխ Գլոչեստրի պանիր՝ ամեն մեկը չորս ու կես պենսով․ ուրեմն․․․»։ Միս Մեորդստոնը ներքուստ հրճվում է։ Ես մինչև ճաշը այդ պանիրների վրա քրտնում եմ առանց վճիռը գտնելու․ քարետախտակը սրբելուց մատներիս կաշին սևացել է․ վերջապես մի կտոր հաց են տալիս ինձ, որպեսզի պանիրներից վրեժ առնեմ, և ես մինչև երեկո պատժված եմ մնում։

Որքան կարող եմ այդ հեռավոր ժամանակը մտաբերել, թշվառ դասերիս ընթացքը գրեթե միշտ այդպես էր լինում։ Գործերս շատ լավ առաջ կգնային, եթե Մեորդստոնները ներկա չլինեին․ նրանք նույն թովչական ազդեցությունն էին անում իմ վրա, ինչ֊որ օձը թռչնիկի վրա։ Եթե դասս լավ գիտենայի, ես ուրիշ ոչինչ չէի վաստակում, բայց միայն ճաշին լինելու թույլատվություն․ միս Մեորդստոնը չէր տանում, որ ես պարապ եմ մնում, և եթե ես անզգուշություն ունենայի նրան անգործ երևալու, նա իսկույն եղբոր ուշադրությունն էր հրավիրում վրաս, ասելով․ «Սիրելի Կլարա, աշխատանքի պես լավ բան չկա․ մի զբաղմունք տվեք ձեր որդուն», ― և դարձայլ ինձ գործի էին դնում։ Ինձ հասակակից տղաների հետ խաղալու հնար ես համարյա չունեի․ Մեորդստոնների մռայլ փիլիսոփայությամբ, բոլոր մանուկները իժեր էին (չնայելով որ մի ժամանակ մի Մանուկ էր նստած Աշակերտած Խմբի մեջ), որոնք կարող էին վարակել իրար։

Մոտ վեց ամիս շարունակվող այդ վարմունքի հետևանքն այն եղավ, որ ես մի անշնորհք տխուր ու զայրացկոտ տղա դարձա։ Դրա պատճառը մասամբ սիրտս ճնշող այն հանգամանքն էր, որ աշխատում էին օրստօրե հեռացնել ինձ իմ մորից։ Հավաստի եմ, որ ես վերջապես մի կոպիտ, բիրտ անասուն կդառնայի, եթե մի բան արգելք չլիներ։

Այդ բանը հետևյալն էր։ Հայրս թողել էր գրքերի մի փոքրիկ հավաքածու վերի հարկի սենյակում, որ կից էր իմ ննջարանին և ուր ոչ ոք ոտք չէր դնում, ինձնից բացի։ Այդ օրհնած փոքրիկ սենյակից կարգով գալիս էին ենկերություն անելու ինձ Րոդրիկ Րենդոմը, Պերեգրին Պիկը, Հումֆրի Կլինկերը, Տոմ Ջոնսը, Ուեկֆիլդի երեցը, Դոն Քիշոտը, Ժիլ Բլան և Ռոբինզոն Կրուզոն։ Այս փառավոր խումբը արթուն էր պահում երևակայությունս և ապագայի հույսեր վառում սրտիս մեջ։ Դրանք և Արաբական Գիշերները, կախարդական հեքիաթների հետ միասին ոչ մի վնաս չէին տալիս ինձ, որովհետև եթե նրանց մեջ մի վնասակար բան էլ լիներ, դա չէր դիպչում ինձ․ ես այդ բանը չէի հասկանում։ Զարմանում եմ այժմ, թե որտեղի՞ց այդքան գրքեր կարդալու ժամանակ էի գտնում տաժանելի պարապմունքներիս միջոցին։ Իմ կրած վշտերիս մեջ դրանք մի֊մի սփոփամք էին ինձ համար։ Վեպերի բոլոր լավ անձերը նույնանում էին մտքիս մեջ ինձ սիրելի մարդկանց հետ, իսկ չարերը մր․ և միս Մեորդստոնների հետ։ Ամբողջ ութ օր ես ինքս ինձ Տոմ Ջոնս էի երևակայում (մի մանկական, անմեղ Տոմ Ջոնս). մի ամիս էլ շարունակ՝ Րոդրիկ Րենդոմ։ Շատ հափշտակված էի մանավանդ՝ չեմ հիշում որ ճամբորդության արկածների հատորով, որ գտել էի գրադարանում․ սակայն միտքս է, որ ես կոշկի մի կաղապարով սպառազինված՝ ամբողջ օրեր պտույտ էի գալիս մեր տան շուրջը, կարծելով թե վայրենիներ պիտի հարձակվեն նրա վրա․ ես ինքս ինձ երևակայում էի մի անգլիական նավատորմի քաջ նավապետ, որ վճռել է իր կյանքը թանկ ծախել, թշնամիների դեմ կռվելով։ Փույթ չէ, որ լատիներեն դասագրքով հարված էին տալիս նավապետի գլխին․ դրանից հետո նա մի մազի չափ չէր կորցնում իր պատիվը․ մնում էր միշտ նավապետ և հերոս՝ ամեն քերականներին և ամեն մեռած ու կենդանի լեզուներին հակառակ։

Այդ էր միակ ու մշտական սփոփանքս։ Դրա մասին մտածելիս ես միշտ պատկերացնում եմ աչքիս առջև մի գեղեցիկ ամառային երեկո, գեղջուկ մանուկները հանգստարանի բակում խաղում են, իսկ ես գիրք եմ կարդում անկողնուս վրա։ Շրջակայքի յուրաքանչյուր մարագը, եկեղեցու ամեն մի քարը և հանգստարանի յուրաքանչյուր անկյունը գրքերիս հետ մի կապ ուներ իմ մտքի մեջ և ներկայացնում էր այդ գրքերում հիշված մի որևէ անվանի տեղ։ Ահա Տոմ Պայպսը մագլցելով եկեղեցու աշտարակի վրա է բարձրանում․ ահա Ստրապը, պայուսակը շալակին, մեր ուռենու ցանկապատի մոտ հանգստանում է, և ես հաստատ համոզված եմ, որ կոմմոդոս (նավերի հրամանատար) Տրունիոնը մեր գյուղական պանդոկումն է խորհուրդ տեսնում Պիկլի հետ։

Այժմ ընթերցողին լավ հայտնի է, ինչպես և ինձ, թե ինչ էի ես մանկությանս այն շրջանում, որ նկարագրում եմ այս րոպեիս։

Մի առավոտ ես գրքերս առած մեր դահլիճը մտնելիս, տեսա, որ մայրս շատ վարանած է, միս Մեորդստոնը՝ հաստատ տրամադրված, իսկ մր․ Մեորդստոնը զբաղված էր ճկուն գավազանի ծայրին մի ինչ֊որ բան կապելով։ Երբ ներս մտա, նա գավազանը երկու անգամ շաչեցնելով, օդում ճոճեց։

― Այո՛, Կլարա, ― ասաց մր․ Մեորդստոնը։

― Չեմ կասկածում, սիրելի Ջեն, որ ձեր ասածը ճշմարիտ է, ― վրա բերեց մայրս թոթովելով։ ― Բայց․․․ մի՞թե այդ ծեծն օգտակար էր Էդուարդի համար։

― Իսկ դու, Կլարա, կարծում ես թե վնասակա՞ր էր, ― հարցրեց խստությամբ մր․ Մեորդստոնը։

― Այդ է խնդիրը, ― կնքեց միս Մեորդստոնը վճռաբար։

Իսկ մայրս հեզությամբ պատասխանեց․

― Հարկավ այդպես է, սիրելի Ջեն։

Եվ ոչ մի ուրիշ խոսք չասաց։

Գուշակեցի, որ այդ խոսակցության առարկան ես եմ և նայեցի մր․ Մեորդստոնի աչքերին, որոնք շեշտակի ուղղված էին իմ վրա։

― Դե, Դավիթ, ― ասաց նա և նրա աչքերը չարաչար պսպղացին, ― այսօր պիտի զգույշ լինես։

Նա կրկին փորձեց և շաչեցրեց իր գավազանը, այս անելուց հետո գոհ սրտով մի կողմ դրեց և իր գիրքը վերցրեց։

Դա մի լավ միջոց էր հենց սկզբից արթնացնելու իմ միտքը։ Զգում էի, որ դասիս բառերը ոչ թե հատ֊հատ և կամ տող֊տող, այլ ամբողջ էջերով են փախուստ տալիս իմ գլխից․ ես փորձում էի բռնել նրանց, բայց նրանք, եթե կարելի է այսպես ասել, կարծես թե չմուշկներ հագած սլանում էին, և այնպես արագ, որ քամին էլ հետևներից չէր հասնի։

Սկիզբը վատ էր, շարունակությունը՝ ավելի վատ։ Այդ օրը ես ներս էի մտել հաստատ հույսով, որ գովասանք կստանամ, որովհետև լավ էի սերտել դասերս․ սակայն հաշիվներս բոլորովին սխալ դուրս եկան։ Անվճար պարտքերիս գումարը գիրք գրքի հետևից ստվարանում էր, և միս Մեորդստոնը անքթիթ աչքերով դիտում էր շարքունակ մեզ։ Եվ երբ վերջապես հինգ հազար պանիրներին հասանք, (որոնք այս անգամ, ինչպես հիշում եմ, պատիժով էր փոխարինվել), մայրիկս թունդ լաց եղավ։

― Կլարա, ― ասաց միս Մեորդստոնը ազդարար ձայնով։

― Ես փոքր֊ինչ տկար եմ, սիրելի Ջեն, ― ասաց մայրս։

Մր․ Մեորդստոնը հանդիսավոր ակնարկ արեց քրոջը, ապա գավազանը վերցնելով վեր կացավ աթոռից և ասաց․

― Իրավ որ, Ջեն, դժվար է Կլարայից պահանջել, որ նա հաստատությամբ դիմանա այն տանջանքին ու ցավին, որ այսօր հասցրեց նրան Դավիթը։ Դրա համար պետք կլիներ ստոիկյան պնդություն ունենալ։ Կլարան անշուշտ շատ է ուղղվել և ամրացել․ բայց դեռ չի կարելի շատ բան պահանջել նրանից։ Դավիթ, եկ միասին վերև գնանք։

Մինչ նա ինձ դեպի դուռն էր քաշում, մայրիկս մեր վրա սլացավ։ Միս Մեորդստոնը բռնեց նրան և գոչեց․

― Կլարա, խելքդ թռցրե՞լ ես։

Մայրս փակեց ականջներն ու դառնապես լաց եղավ։

Մր․ Մեորդստոնը ծանր ու հանդարտ քայլերով վերև բարձրացավ ինձ հետ միասին։ Հավաստի եմ, որ գործադիր իշխանության այդ հանդիսավոր վերելքը մի հրճվանք էր պատճառում նրան։ Երբ վերև հասանք, նա հանկարծ գլուխս բռնեց և իր թևի տակ սեղմեց։

― Մր․ Մեորդստոն, սըր, ― գոչեցի ես։ ― Թողեք ինձ, աղաչում եմ, մի ծեծեք ինձ։ Ես դասերս լավ եմ սերտում, բայց չեմ կարող պատասխանել ձեր և միս Մերդստոնի առջև։ Չեմ կարող։

― Չե՞ս կարող, իրա՞վ, Դավիթ։ Ահա իսկույն կտեսնենք։

Կարծես թե նա մամլիչով էր ճնշում գլուխս, բայց ես ուժգին ցնցում անելով նրա ճանկերից դուրս պրծա և պաղատեցի, որ չլլկի ինձ։ Սակայն մի վայրկյան միայն տևեց այդ․ հետևյալ վայրկյանին մր․ Մեորդստոնը սաստիկ կերպով զարկեց ինձ․ ես էլ իսկույն նրա ձեռքը բռնեցի, որով ուզում էր բերանս փակել, և ամբողջ ուժով կծեցի։ Դեռ այսօր էլ, երբ հիշում եմ այդ դեպքը, ատամներս կրճտում են։

Այնուհետև մր․ Մեորդստոնը իր հարվածներն այնպես արագացրեց, որ կարծես ուզում էր սպանել ինձ։ Չնայած մեր հանած աղմուկին, ես լսում էի սանդուղքի կողմից ոտքի ձայներ և կանացի ճիչ․ դա մորս ու Պեգգոտիի աղիողորմ լացն ու կոծն էր։ Վերջապես մր․ Մեորդստոնը հեռացավ և դուրս գնալիս դուռը փակեց․ ես հատակի վրա մնացի, իսպառ ջարդված, բորբոքված և իմ թշվառ դրությունից զայրացած ու կատաղած։

Հիշում եմ, թե ինչ անբնական լռություն էր տիրում ամբողջ տանը, երբ ես փոքր֊ինչ ուշքի եկա։ Հենց որ բարկությունս սկսեց իջնել և ցավիս մորմոքը մեղմանալ, ես մտածեցի, թե ինձնից ավելի մեղապարտ էակ աշխարհիս երեսին չկա։

Որոշ ժամանակ հատակի վրա ընկած ականջ էի դնում, բայց ոչ մի շշուկ չէր հասնում ինձ։ Հազիվ սողալով, պատկերս տեսա հայելու մեջ․ ուռած, կարմրած, այլանդակված, ահռելի էր երես։ Ես ինքս ինձնից սարսափեցի։ Սպիներով ծածկված անդամներս այն աստիճան կսկծում ու ցավում էին, որ ամենաթեթև շարժումից անգամ սկսում էի լալ, սակայն այս բոլորը ոչինչ էր հանցավոր լինելուս դառնության առջև։ Կարող եմ ասել, որ եթե ես իրոք մի ահագին ոճիր էլ գործած լինեի, հանցավորությանս զգացումն ավելի սաստիկ չէր լինի։

Արդեն սկսել էր մթնել, և ես պատուհանը փակեցի (երկար ժամանակ պառկած էի գլուխս շեմքին դեմ տված, մեկ լալով, մեկ նիրհելով և մեկ ականջ դնելով)․ այդ միջոցին դռան բանալին ճռնչաց և միս Մեորդստոնը ներս մտավ, մի բաժակ կաթ, փոքր֊ինչ միս և մի կտոր հաց բերելով։ Առանց մի բառ ասելու, այդ բոլորը սեղանի վրա դրեց, օրինակելի համառությամբ վրաս նայեց և դուրս գնաց․ գնալիս դուռը նորից փակեց։

Արդեն վաղուց գիշեր էր, իսկ ես պատուհանի առջև մենակ նստած էի, մտածելով ― մի՞թե այլևս ոչ ոք չի գա։ Ամենայն հույս կորցնելուց հետո, շորերս հանեցի և անկողին մտա, և անկողնում հարցնում էի ինձ ահ ու դողով, թե ի՞նչ կլինի իմ վիճակը։ Արդյոք իրա՞վ ես քրեական հանցավոր եմ։ Արդյոք չե՞ն բանտարկի ինձ։ Կամ թե արդյոք կախելու վտանգ չի՞ սպառնում ինձ։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպե՞ս հետևյալ առավոտյան զվարթ սրտով զարթնեցի և հետո հանկարծ նոր աղետը հիշելով, վհատ տագնապ զգացի։ Դեռ անկողնուց չէի ելել, երբ միս Մեորդստոնը ներս մտավ կարճ խոսքերով ինձ հայտնելու, թե կարող եմ կես ժամ զբոսնել պարտեզում․ ոչ ավելի, և նույն րոպեին դուրս գնաց, դուռը բաց թողնելով, որպեսզի ես օգուտ քաղեմ այդ շնորհից։

Այդպես էլ արեցի և ամեն առավոտ անում էի բանտարկությանս միջոցին, որ ճիշտ հինգ օր տևեց։ Եթե կարենայի մենակ տեսնել մայրիկիս, ես չոքելով կմոտենայի նրան և լալով ներողություն կխնդրեի․ սակայն այդ միջոցին միս Մեորդստոնից բացի, ես ուրիշ մարդ չէի տեսնում։ Ինձ թույլ էր տրված դահլիճ իջնել միայն իրիկվա աղոթքի ժամին, երբ տան բոլոր անդամները միասին էին հավաքվում․ այդ ժամին միս Մերոդստոնը վերև գալով ինձ դահլիճ էր իջեցնում և դռան մոտ կանգնեցնում, հենց իմանաս ես մի ավազակ լինեի, հետո հանդիսավոր կերպով հետ տանում իմ բանտը՝ առաջ քան աղոթողներից գեթ մեկը տեղից շարժվեր։ Այդ միջոցներին նկատում էի, որ մայրս շատ հեռու էր կանգնում և այնպիսի դիրքով, որ ես չէի կարողանում նրա երեսը տեսնել․ իսկ մր․ Մեորդստոնի ձեռքը մի մեծ կտավե թաշկինակով փաթաթված էր։

Անկարելի էր բացատրել, թե ինչպես երկար տևեցին այդ հինգ օրերը։ Դրանք իմ հիշողության մեջ ամբողջ տարիների տեղ են գրավում։ Ես ականջ էի դնում ամեն բանի, ինչ֊որ կատարվում էր մեր տանը․ զանգակների հնչյուններին, դռների շռնդոցին, խոսակցության շշուկին, սանդուղքից հասնող քայլերի ձայնին, ականջ էի դնում դրսից լսվող քրքջին, ուրախ սուլոցին կամ երգին, և դրանց զվարթ թնդյունից ավելի սրտամաշ էր դառնում տրամադրությունը իմ արգելարանում․ հետևում էի ժամերի անորոշ ընթացքին, մանավանդ գիշերները, երբ հանկարծ քնից սթափվելով կարծում էի, թե արդեն առավոտ է, այնինչ մերոնք դեռ չէին պառկել, և իմ առջև դեռ մի երկար ու տագնապալի երազներով լի գիշեր կար։ Բայց ահա լուսնաում էր, կեսօր էր գալիս, երեկո․ տղաները վազվզում էին հանգաստարանի մարգի վրա, իսկ ես պատուհանիս հետևից թաքուն դիտում էի նրանց, վախենալով, որ նրանք բանտում նստելս չիմանան։ Տարօրինակ էր թվում ինձ, որ ես այլևս իմ սեփական ձայնը չեմ լսում։ Միայն ճաշի ու ընթրիքի հետ գալիս էր ուրախության պես մի թռուցիկ բան, բայց դրանց հետ էլ իսկույն անցնում։ Մի երեկո մի զովարար անձրև եկավ և հետզհետե ստվերով պատեց եկեղեցին, իմ սիրտը և սրտիս ամեն տագնապներն ու խայթերը։ Այդ բոլորը դեռ այն աստիճան վառ ու թարմ է մտքիս մեջ, որ կարծես, ոչ թե հինգ օր, այլ մի ամբողջ տարիներ տևած լիներ։

Կալանավորությանս վերջին գիշերը ես արթնացա, հանկարծ անունս լսելով, որ մեկը շշնջում էր։ Վար ցատկեցի անկողնուց և մթության մեջ, բազկատարած ասացի․

― Այդ դո՞ւ ես, սիրելի Պեգգոտի։

― Ես եմ, ես, հոգյակ Դեվի, ― պատասխանեց նա։ ― Բայց տես, մկնիկի պես զգույշ եղիր, թե չէ կատուն կլսի։

Իմացա, ով է այդ կատուն․ միս Մեորդստոնի սենյակը իմին կից էր։

― Ինչպե՞ս է մայրիկս, Պեգգոտի․ շա՞տ է բարկացած իմ վրա։

Պեգգոտին լաց էր լինում դռան ծակի մյուս կողմում, ինչպես և ես այս կողմում։ Վերջապես նա պատասխանեց․

― Չէ՛, չէ՛, այնքան էլ չէ։

― Ի՞նչ են ուզում անել ինձ հետ, Պեգգոտի ջան։ Չգիտե՞ս։

― Ուսումնարան․․․ Լոնդոնի մոտերը, ― պատասխանեց Պեգգոտին։

Ես ստիպեցի նրան, որ իր խոսքերը կրկնի, որովհետև շտապելուց մոռացել էի բերանիս տեղ ականջս դնել դռան ծակին, ուստի և նրա պատասխանը փոխանակ լսելիքիս հասնելու, միայն կոկորդս էր խտղել։

― Ե՞րբ, Պեգգոտի։

― Վաղը։

― Դրա՞ համար էր, որ այսօր միս Մեորդստոնը բոլոր շորերս պահարանից հանեց։

― Այո, ― ասաց Պեգգոտին։ ― Կապոց։

― Իսկ մայրիկիս չե՞մ տեսնի։

― Այո՛, ― ասաց Պեգգոտին։ ― Առավոտյան։

Հետո նա բերանը ավելի պինդ հպեց փականքի ծակին և շտապ֊շտապ արտասանեց մի քանի խոսք այնպիսի հուզմունքով ու եռանդով, ինչպես երբեք աշխրհումս որևէ բառ չէր հաղորդվել փականքի ծակով, և նրա ամեն մի բառն ընդհատվում էր փղձուկից։

― Սիրելի Դեվի, հոգյակ իմ․․․ Եթե վերջին օրերս․․․ ես քեզ այնպես չեմ գգվել, ինչպես որ միշտ գգվել եմ․․․ չկարծես թե իմ սերը դեպի քեզ պակասել է․․․ Օ՜հ, աչքիս լույս, ես առաջվանից ավելի եմ սիրում քեզ․․․ բայց ես քո օգտի համար էի այնպես վարվում․․․ մեկ էլ ուրիշի․․․ Դեվի, ոսկի տղաս․․․ լսո՞ւմ ես ինձ։ Կարողանո՞ւմ ես լսել։

― Այո՛, այո՛․․․ Պեգգոտի, ― ասացի ես հեկեկալով։

― Գառնուկ իմ, ― շարունակեց Պեգգոտին ամենաջերմ կարեկցությամբ, ― ահա թե խնդիրս ինչ է․ երբեք չմոռանաս ինձ․․․ ես էլ քեզ չեմ մոռանա երբեք․․․ միշտ էլ մայրիկիդ լավ կնայեմ, Դեվի․․․ ինչպես որ քեզ եմ նայել։ Ես ոչ մի ժամանակ չեմ բաժանվի նրանից։ Կգա մի օր․․․ երբ նա գուցե սրտանց կուզենա․․․ իր խեղճ գլուխը․․․ հիմար, համառ Պեգգոտիի գրկի վրա դնել․․․ Եվ նամակներ կգրեմ քեզ, հոգյակ իմ․․․ չնայելով որ անուս եմ․․․ և ․․․ և․․․

Եվ Պեգգոտին սկսեց փականքի ծակը համբուրել, որովհետև ինձ համբուրել չէր կարող։

― Շնորհակալ եմ քեզնից, իմ սիրելի Պեգգոտի, ― ասացի ես։ ― Օ՜հ, շատ շնորհակալ եմ, շա՜տ, շա՜տ։ Բայց մի խնդիր ունեմ, կկատարե՞ս։ Խոսք կտա՞ս գրել մր․ Պեգգոտիին, և փոքրիկ Էմլիին, և միստրիս Գըմիջին, և Հեմին, որ ես այնպես վատ տղա չեմ, ինչպես որ գուցե նրանք կարծում են։ Գրիր նրանց, որ ես ամենքին ուղարկում եմ իմ սերը, մանավանդ փոքրիկ Էմլիին։ Խոսք կտա՞ս, անգին Պեգգոտի։

Բարեսիրտ կինը խոսք տվեց, և մենք երկուսս ջերմ գորովով համբուրեցինք փականքի ծակը, և ես այդ ծակը մինջև անգամ շփեցի, կարծե թե նա Պեգգոտիի ազնիվ երեսը լիներ և հետո բաժանվեցինք։ Այդ գիշերվանից սկսած մի այնպիսի զգացում դեպի Պեգգոտին արմատ բռնեց սրտիս մեջ, որ դժվար է պարզ բացատրել։ Նա մայրիկիս չփոխարինեց, ոչ ոք էլ աշխարհիս երեսին այդ չէր անի․ սակայն սրտիս մեջ դատարկ անկյունը լցրեց, և ես մի այնպիսի հակում զգացի դեպի նա, որի նմանը դեռ ոչ մի էակի համար չէի զգացել։ Դա մի ծիծաղելի կիրք էր, այո՛․ բայց եթե հանկարծ Պեգգոտին մեռներ, ես չգիտեմ ի՞նչ կանեի և ի՞նչ դեր կկատարեի այդ դիպվածում, որ ինձ համար մի իսկական ողբերգություն կլիներ։

Առավոտյան միս Մեորդստոնն առաջվա պես եկավ ինձ մոտ և ասաց, թե ես դպրոց պիտի ուղարկվեմ, ― մի վճիռ, որ ինձ համար իր կարծածի չափ նոր բան չէր։ Հայտնեց նմանապես, որ ես իսկույն շորերս հագնեմ և վայր իջնեմ նախաճաշիկ ընդունելու։ Այնտեղ տեսա մայրիկիս, որի դեմքը բոլորովին սփրթնել էր և աչքերն արտասուքից կարմրել էին․ ես նրա գիրկն ընկաա և վշտագին սրտիս խորքից ներողություն խնդրեցի։

― Օ՜հ, Դեվի, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս դու սիրտ արիր վշտացնելու այն մարդուն, որին ես սիրում եմ։ Աշխատիր ուղղվել, սիրելիս․ աղոթք արա, որ ուղղվես։ Ես ներում եմ քեզ, Դեվի, բայց շատ ցավում եմ, որ դու այդպիսի վատ կրքեր ունես։

Նրան համոզել էին, որ ես չարասիրտ տղա եմ, և նա ավելի այս բանից էր վշտացած, քան իմ մեկնելուց։ Այս հանգամանքը մի անտանելի ցավ ազդեց ինձ։ Ես փորձեցի վերջին նախաճաշիս համն առնել, բայց արտասուքի շիթերը հացի վրա ընկան և թեյիս մեջ կաթեցին։ Նկատեցի, որ մայրիկիս աչքերը մեկ իմ վրա, մեկ արթուն միս Մեորդստոնի վրա է ուղղում, հետո ներքև և կամ մի կողմ մտիկ անում։

― Դուրս տարեք մաստր Կոպպերֆիլդի անդուկը, ― ասաց միս Մեորդստոնը, երբ կառքի դղրդյուն լսվեց դռան մոտ։

Ես կարծում էի, թե Պեգգոտին կգա, բայց եկողը նա չէր, ոչ էլ մր․ Մեորդստոնը։ Իմ նախածանոթ կառապանն էր կանգնած դռան առջև։

― Կլարա, ― ասաց միս Մեորդստոնն ազդու ձայնով։

― Իսկույն, սիրելի Ջեն, ― պատասխանեց մայրիկս։ ― Բարով գնաս, Դեվի։ Գնալը քեզ օգուտ է։ Բարի ճանապարհ, որդյակ իմ։ Արձակուրդին տուն կգաս, և ես վստահ եմ, որ լավ տղա դարձած կտեսնեմ քեզ։

― Կլարա՜, ― կրկնեց միս Մեորդստոնը։

― Իսկույն, իսկույն, սիրելի Ջեն, ― կրկնեց մայրիկս, որ բռնել էր ինձ իր գրկում։ ― Ամբողջ սրտով ներում եմ քեզ, հոգյակ իմ։ Աստծու օրհնությունը քեզ ընկեր։

― Կլարա՜, ― երրորդեց միս Մեորդստոնը։

Միս Մեորդստոնը բարի եղավ մինչև կառքն առաջնորդելու ինձ և ասելու․

― Ես հուսով եմ, որ դու կուղղվես, եթե ոչ՝ բանդ վատ կվերջանա։

Այնուհետև ես կառք նստեցի և ծույլ ձին ճանապարհ ընկավ։


Ե․ գլուխ

Հեռացված եմ մայրական տնից


Արդեն մի կես մղոն անցել էինք և թաշկինակս բոլորովին արտասուքով թրջվել էր, երբ հանկարծ կառապանը կանգ առավ։

Կամեցա տեսնել, թե ինչ կա, և հիացմամբ տեսա Պեգգոտիին, որ մացառի հետևից դուրս թռչելով, ցատկեց մեր կառքի մեջ։ Նա երկու թևով գրկեց ինձ և այնպես սեղմեց իր կրծքին, որ քիթս բոլորովին տրորեց․ սակայն ես ցավը միայն հետո զգացի։ Պեգգոտին ոչ մի բառ չասաց։ Նա իր ձեռքը մինչև արմունկը գրպանը մխեց, մի քանի հատ՝ կարկանդակով լի թղթե ծրար դուրս հանեց և իմ գրպանը խոթեց․ մի քսակ էլ տվեց ինձ, և այս բոլորն առանց մի խոսք ասելու։ Երկրորդ և վերջին անգամ ինձ իր գրկում սեղմելուց հետո՝ արագ֊արագ իջավ կառքից, դեպի տուն վազեց, և համոզված եմ, որ շուտ վազելուց զգեստի կոճակներից և ոչ մեկը տուն չհասցրեց։ Ես վերցրի մեկը և երկար ժամանակ պահում էի, իբրև հիշատակ։

Կառապանը շուռ գալով վրաս նայեց՝ ասես թե հարցնելու՝ արդյոք փախչող կինը ետ կգա՞։ Ես գլուխս թոթվեցի և ասացի, թե չեմ կարծում։

― Ուրեմն առաջ, ― ասաց նա դանդաղաշարժ ձիուն, որը առաջ շարժվեց։

Աչքերիս ամբողջ արտասուքը քամելուց հետո սկսեցի մտածել, որ երկար լալուց օգուտ չկա, մանավանդ որ ոչ Րոդրիկ Րենդոմը, ոչ էլ Բրիտանական նավատորմի նավապետը, որքան հիշում էի, ամենադժվար պարագաներում անգամ լաց չէին լինում։ Կառապանն իմ հասատատ տրամադրությունը նկատեց և առաջարկեց ինձ ձիու գավակին փռել թաշկինակս, որ ցամաքի։ Շնորհակալ եղա և հոժարություն հայտնեցի։ Ձիու մեջքի վրա թաշկինակս շատ փոքր թվաց ինձ։

Այժմ ազատ էի հետազոտելու քսակը։ Դա շինված էր ամուր կաշվից, ճարմանդով էր, և մեջը երեք փայլուն շիլինգներ կային, որոնք անշուշտ սրբված էին կավճով, որպեսզի ավելի դուր գան ինձ։ Սակայն քսակի բովանդակության ամենալավ գանձերը երկու հատ կես կրոններն էին, միասին փաթաթված մի թղթի մեջ, որի վրա մորս ձեռքով գրված էր․ «Դեվիին։ Սիրուս հետ»։ Ես այն աստիճան հուզվեցի, որ խնդրեցի կառապանին ետ տալ ինձ թաշկինակս, բայց նա ասաց, որ ավելի լավ կլինի, եթե առանց թաշկինակի կառավարվեմ։ Ես էլ տեսա, որ լավ կլինի, և արտասուքս թևով սրբեցի։ Լացս այսպես վերջացավ։

Եվ լավ եղավ, որ վերջացավ, որովհետև հուզմունքս այնքան մեծ էր, որ ամեն րոպե պատրաստ էի հեկեկալ։ Այնինչ մեր ձին կամաց առաջ էր շարժվում։ Մի քանի մղոն անցնելուց հետո ես հարցրի կառապանին, թե արդյոք մինչև ճանապարհի ծայրը կտանի՞ ինձ։

― Ո՞ր ծայրը, ― հարցրեց նա։

― Այն ծայրը, ― ասացի ես։

― Ո՞րն է այն ծայրը։

― Լոնդոնը։

― Չե՞ս տեսնում, որ այս ձին, ― ասաց կառապանը, երասանակը շարժելով, ցույց տալու համար, թե որ ձիու մասին է իր խոսքը, ― խոզի նման կես ճանապարհին կսատկի, եթե մինչև այդ ծայրը քշելու լինեմ։

― Ուրեմն միայն մինչ Յարմաո՞ւթ, կտանեք ինձ, ― հարցրի ես։

― Կարելի է, ասաց կառապանը։ ― Այնտեղ ես ձեզ դիլիժանսին կհանձնեմ, իսկ դիլիժանսը կհասցնի ուր որ պետք է։

Կառապանը, որի անունը մր․ Բարկիս էր, մի դանդաղկոտ տղամարդ էր, ինչպես արդեն նկատել եմ, և սակավախոս։ Մեր խոսակցությունն անտարակույս հոգնեցրեց նրան։ Իբրև ուշադրության նշան՝ ես մի կարկանդակ շնորհեցի նրան, որ նա փղի պես միանգամից կուլ տվեց՝ առանց որևէ շարժում ցույց տալու իր հաստ ու գեր դեմքի վրա, ինչպես որ փիղն էլ չէր ցույց տա։

― Այս նա՞ է թխել, ― հարցրեց մր․ Բարկիսը, առաջվա պես գլուխը կախելով և ձեռքերը ծնկներին դեմ անելով։

― Ուզում եք ասել Պեգգոտի՞ն, սըր։

― Ա՜հ, ― ասաց մր․ Բարկիսը, ― նրա մասին է խոսքս։

― Այո՛, նա է մեր կարկանդակները պատրաստում և բոլոր կերակուրները եփում։

― Իրա՞վ, ― ասաց մր․ Բարկիսը։

Նա շուրթերն այնպես ամփոփեց, որ կասեիր, թե սուլել է ուզում, բայց չսուլեց․ այլ սկսեց ձիու ականջները դիտել, որոնց վրա երևի թե մի նոր բան էր նկատել, և երկար նայելուց հետո՝ վերջապես ասաց․

― Իսկ ուրի՞շ բան։

― Էլ ի՞նչ բան, հարցրի ես, կարծելով, թե մր․ Բարկիսը մի ուտելու բան է ուզում։

― Ջահել֊ջհուլ բարեկամներ, սիրեկաններ չունի՞, ― հարցրեց մր․ Բարկիսը։

― Պեգգոտի՞ն։

― Այո՛, նա։

― Օ՜հ, ո՛չ։ Նա այդպիսի բաներ չունի։

― Չունի, հա՞։

Եվ նորից շուրթերը սուլելու համար ուռցրեց, բայց չսուլեց, և առաջվա պես անշարժ մնաց, ձիու ականջներին մտիկ տալով։

― Ասում եք, թե ամեն տեսակ կարկանակներ շինել գիտի, ― ասաց մր․ Բարկիսը մի երկար լռությունից հետո։ ― Գաթաներ էլ շինել գիտի՞։

― Լավ գիտի, ― պատասխանեցի ես։

― Լա՜վ։ Գիտեք, ես ձեզ ի՞նչ կասեմ, ― ասաց մր․ Բարկիսը։ Գուցե դուք նրան մի նամակ գրելու լինեք, չմոռանաք ավելացնել, թե Բարկիսը նրան ուզում է։ Չե՞ք մոռանա։

― Թե Բարկիսը նրան ուզում է, ― կրկնեցի ես միամիտ սրտով։ ― Ավելի ոչի՞նչ։

― Այդ է, է՛լի, ― ասաց նա։ ― Բարկիսը նրան ուզում է, պրծավ գնաց։

― Բայց չէ՞ որ դուք ինքներդ վաղը Բլենդրոտին կվերադառնաք, մր․ Բարկիս, ― ասացի ես (և ձայնս դողաց, որովհետև ես այնտեղից հեռու պիտի մնայի)։ Լավ չէ՞ր լինի, որ ձեր միտքն անձամբ նրան հայտնեիք։

Բայց որովհետև մր․ Բարկիսը գլուխը թոթվելով առաջարկս մերժեց և հաստատ կրկնեց, թե «Բարկիսն ուզում է, այս է խնդիրը» ― ես էլ հանձն առա նրա պատվերը կատարել։ Ես հենց այդ նույն իրիկունը, մինչ սպասում էի Յարմաութում դիլիժանսի մեկնելուն, գրիչ, թուղթ և թանաք ճարելով, հետևյալ նամակը գրեցի Պեգգոտիին․

«Թանկագին Պեգգոտի, ես հաջողությամբ հասա Յարմաութ։ Բարկիսն ուզում է»։

Մր․ Բարկիսն իմ խոստումը ստանալուց հետո՝ բոլորովին լռեց, իսկ ես վերջին անցքերից թուլացած ու նվաղած՝ գլուխս մի պարկի դեմ տվի ու մինչև Յարմաուտ հասնելս մեռածի պես քնեցի։ Երբ իջևանի բակից այդ քաղաքին նայեցի, այնքան օտար թվաց, որ ես մր․ Պեգգոտիի գերդաստանից մի մարդ տեսնելու հույսս իսկույն կտրեցի, թեև շատ կցանկանայի գոնե փոքրիկ Էմլիին տեսնել։

Դիլիժանսն արդեն բակում կանգնած էր՝ փայլուն ու մաքուր, բայց չլծված, և ոչ մի նշան ցույց չէր տալիս, թե երբևէ դեպի Լոնդոն կմեկնի։ Ես ահով մտածում էի, թե ի՞նչ կլինի իմ սնդուկը, որ մր․ Բարկիսը կառքից հանելով բակի մեջտեղն էր դրել, և վերջապես ի՞նչ կլինեմ ես ինքս։ Մր․ Բարկինսն իր կառքի քեղիները դարձրել էր և արդեն պատրաստվում էր ետ գնալ։ Այդ վայրկյանին մի կին դուրս նայեց պատուհանից՝ որի մեջ ապուխտներ ու մորթած հավեր էին կախված, և հարցրեց․

― Դա՞ է Բլենդրոտընից եկած փոքրիկ Ջենտլմենը։

― Սյո՛, տիկին, ― ասացի ես։

― Ձեր անունն ի՞նչ է։

― Կոպպերֆիլդ, տիկին։

― Ուրեմն դուք չեք, ― ասաց տիկինը։ ― Այդպիսի անունով մարդու համար ոչ մի ճաշ չի պատվիրված այստեղ։

― Իսկ Մեորդստոնի՞ համար, ― հարցրի ես։

― Մեորդոստոնի համար պատվիրված է։

― Մեորդստոնը ես եմ, տիկին։

― Եթե դուք եք մաստր Մեորդստոնը, ― ասաց տիկինը, ― հապա ինչո՞ւ ուրիշ անուն եք տալիս ձեզ։

Բացատրեցի բանի էությունը․ տիկինը հնչակը քաշեց ու գոչեց․ ― Ուիլիամ, ցույց տուր պարոնին ճաշարանը։ ― Մի սպասավոր այս հրամանը լսելուն պես խոհանոցից դուրս վազեց և բավական զարմացավ, որ միայն ինձ պիտի ցույց տա ճաշարանը։

Դա մի երկար ու լայն սենյակ էր, ահագին քարտեզներով զարդարված։ Ես շփոթվեցի, և կարծում եմ, որ եթե այդ քարտեզներն իսկապես օտար երկրներ լինեին և ես նրանց մեջ ընկած լինեի, ես ինքս ինձ ավելի միայնակ ու մորոված չէի զգա։ Գլխարկս ձեռքիս բռնած հազիվ համարձակվեցի դռանը ամենից մոտ գտնվող աթոռի եզրին նստել, և երբ սպասավորը հատուկ ինձ համար սփռոց փռեց և աղամանը սեղանին դրեց, հավատացած եմ, որ ես համեստությունից բոլորովին կարմրեցի։

Նա ինձ համար մի քանի տեսակ կերակուր ու փոքր֊ինչ կանաչեղեն բերեց և պնակների խուփն այնպիսի շռինդով բաց արեց, որ ես ակամա կարծեցի, թե վրաս բարկացած կլինի։ Բայց սիրտս անչափ թեթևացավ, երբ նա սեղանին մի աթոռ մոտեցնելով, քաղցրությամբ ասաց ինձ․

― Այժմ համեցեք, հսկա պարոն։


Շնորհակալություն հայտնեցի և նստեցի սեղանի առջև, սակայն դժվար էր ինձ փոքր ի շատե հաջող շարժել դանակն ու պատառաքաղը և չթափել վրաս սոուսը, քանի որ առջևս կանգնած սպասավորն անդադար վրաս նայելով միանգամայն շփոթեցնում էր ինձ։ Երկրորդ պնակին որ հասա նա ասաց․

― Ահա ձեզ մի կես շիշ էլ։ Կցանկանա՞ք այժմ անուշ անել։

― Շնորհակալ եմ։ Այո՛, ― ասացի։

Նա լցրեց մի ահագին բաժակ և լույսի դեմ բռնեց, կարծես թե գույնից հիացած։

― Արևս վկա, շատ է, չէ՞, ― ասաց նա։

― Այո՛, կարծեմ շատ է, ― պատասխանեցի ես ժպտալով։

Սաստիկ ուրախ էի, որ սպասավորը զվարթ մարդ է։ Նա շարժուն աչքերով, կարմիր թշերով և ցից֊ցից թավ մազերով տղա էր։ Մի ձեռքը կողքին դեմ տված, մյուսով էլի բաժակը բարձր բռնած՝ նա շատ դուրեկան տեսք ուներ։

― Երեկ այստեղ մի պարոն կար, ― ասաց նա, ― մի պարոն՝ Տոպսոյր անունով։ Ճանաչո՞ւմ եք նրան։

― Ո՛չ, չեմ ճանաչում։

― Կարճ վարտիք ու մուճակներ ուներ հագին, լայն գլխարկ, գորշագույն զգեստ, վզին պուտպուտավոր փողկապ։

― Ո՛չ, ― ասացի ես վարանելով։ ― Պատիվ չունեմ ճանաչելու նրան։

― Զարմանում եմ, ― շարունակեց սպասավորը, բաժակի սիրուն ցոլքը դիտելով։ ― Այդ պարոնը երեկ մեզ մոտ եկավ և ահա ճիշտ ա՛յս էյլից պահանջեց․ անպատճառ ուզում էր ա՛յս էյլից։ Ասացի նրան, թե վնաս կտա։ Նա չլսեց։ Եվ ի՞նչ եք կարծում․ խմելն ու մեռած ընկնելը մեկ եղավ։ Էյլը նրա համար շատ թունդ էր․ այս է բանը։

Ես վախեցա այդ սոսկալի պատահարից և ասացի սպասավորին, թե ավելի լավ չի՞ լինի, թե էյլի տեղ մի բաժակ ջուր խմեմ։

― Տարակույս չկա, ― պատասխանեց սպասավորը, բաժակը շարունակ լույսի տակ բռնելով և մի աչքը փակելով։ ― Այստեղ մեր պարոնները չեն սիրում, որ իրենց պատվերը չկատարվի․ այդ բանից նրանք վշտանում են։ Ուրեմն եթե հրամայեք՝ ես կխմեմ։ Ես այս բանին սովոր եմ, իսկ սովորությունը երկրորդ բնությունն է։ Չեմ կարծում, որ սա ինձ վնաս տա․ եթե միայն գլուխս ետ արած՝ միանգամից դատարկեմ։ Թույլ կտա՞ք։

Պատասխանեցի, թե շատ գոհ կլինեմ, միայն թե էյլը չվնասի նրան, եթե ոչ ամենևին չէի կամենա, որ խմի։ Երբ նա գլուխը ետ ձգեց՝ բաժակը միանգամից պարպելու համար, ես մահվան սարսափ զգացի, թե նա էլ թշվառ մր․ Տոպսոյրի նման տեղն ու տեղը հոգին կտա։ Սակայն էյլը նրան ոչ մի վնաս չտվեց․ ընդհակառակն՝ խմելուց նա կարծես ավելի զվարթացավ։

― Իսկ այստեղ ի՞նչ ունենք, ― ասաց նա պատառաքաղը պնակիս մեջ մխելով։ ― Կոտլետնե՞ր, թե մի ուրիշ բան։

― Կոտլետներ, ― պատասխանեցի ես։

― Աստված իմ, ինչպես չիմացա, որ կոտլետներ պիտի լինեն, ― գոչեց նա։ ― Հենց դրանք են հարկավոր էյլի վատ ազդեցությունը ջնջելու համար։ Ա՜յ, բախտ։

Նա մի ձեռքով մի հատ կոտլետ վերցրեց, մյուսով մի կարտոֆիլ, և սկսեց երկուսն էլ ուտել ամենամեծ ախորժակով։ Քեֆս եկավ նրան նայելիս։ Հետո նա վերցրեց մի ուրիշ կոտլետ և մի ուրիշ կարտոֆիլ․ հետո դարձյալ մի հատ կոտլետ և մի հատ կարտոֆիլ։ Այս բոլորը մաքրելուց հետո նա մի պուդդինգ բերեց և իմ առջև դնելով, խոր մտածմունքի մեջ ընկավ, որ մի քանի վայրկյան տևեց։

― Ինչպե՞ս եք հավանում կարկանդակը, ― ասաց նա հանկարծ։

― Սա կարկանդակ չէ, պուդդինգ է, ― պատասխանեցի ես։

― Պուդդի՞նգ, ― գոչեց նա։ ― Իրավ որ պուդդինգ է։ Ի՞նչ եք կարծում, ― հարեց նա, պուդդինգը մոտիկից զննելով, ― մրգո՞վ է, թե չէ։

― Մրգով է։

― Իրա՞վ։ Մեկ իմանայիք՝ որքան եմ սիրում այդ պուդդինգը, ― գոչեց նա, մի մեծ գդալ վերցնելով։ ― Կատարյալ բախտ է, էլի՛։ Դե, ուրեմն, եկ սկսենք, տեսնենք, ով ավելի շուտ կուտի։

Եվ, իհարկե, սպասավորն ավելի կերավ։ Նա մի քանի անգամ հրավիրեց ինձ, որ չտապեմ և ետ չմնամ, բայց ի՞նչ կարող էր անել իմ թեյի գդալը նրա ահագին գդալի դեմ, իմ ճարպկությունը՝ նրանի դեմ, իմ ախորժակը՝ նրա սոսկալի ախորժակի դեմ։ Հենց սկզբից ես ետ մնացի և նրան հասնելու հույսս կորցրի։ Չեմ հիշում, որ օրումս տեսած լինեի նրա չափ պուդինգ սիրող մի արարած։ Այս կերակուրն էլ սպառելուց հետո՝ նա ծիծաղեց․ կարծես համը բերանն էր մնացել։

Այսպես կայտառ ու հաճոյալից տեսնելով նրան, ես խնդրեցի թուղթ, գրիչ ու թանաք բերել, որպեսզի վերոհիշյալ նամակը գրեմ Պեգգոտիին։ Նա ոչ միայն իսկույն բերեց ինչ֊որ ուզում էի, այլև բարություն ունեցավ ուսիս հետևից նայելու, թե ինչ եմ գրում։ Երբ վերջացրի, նա հարցրեց, թե ես ո՞ր դպրոցն եմ գնում։

― Լոնդոնի մոտերքում գտնվող դպրոցը, ― ասացի ես, որովհետև այդ էլ բոլորը, ինչ֊որ գիտեի։

― Տեր աստված, ― գոչեց նա ամենատխուր կերպարանքով։ ― Շատ եմ ցավում դրա համար։

― Ինչո՞ւ եք ցավում, ― հարցրի ես։

― Ա՜խ, աստված իմ, ― շարունակեց նա։ ― Ցավում եմ, որովհետև հենց այդ դպրոցում նրանք նորերս մի աշակերտի կողերը կոտրեցին․ երկու կողը կոտրեցին․․․ նա մի փոքր տղա էր։ Ես ձեզ կասեմ մինչև անգամ․․․ սպասեցեք․․․ դուք քանի՞ տարեկան եք։

― Ութևկես։

― Այո, նա էլ այդ հասակի տղա էր ― ճիշտ ութևկես տարեկան, երբ նրա կողերից մեկը փշրեցին, իսկ երկու ամիս հետո մյուս կողն էլ փշրեցին։

Չկարողացա ուրանալ և կամ թաքցնել սպասավորից, թե այդ դեպքը մի ցավալի պատահար է, և հարցրի, թե ինչի՞ց էր պատահել։ Նրա պատասխանը չսփոփեց ինձ, որովհետև երկու սոսակալի բառերից էր բաղկանում․ ծեծում են։

Ճամբորդներին կանչող փողի հնչյունը ի դեպ վերջ դրեց այս տագնապիչ խոսակցությանը․ ես վեր կացա և անվստահ հպարտությամբ քսակս դուրս հանելով, հարցրի, թե որքա՞ն պիտի վճարեմ։

― Ահա այս է թղթի գինը, ― ասաց սպասավորը։ ― Արդյոք երբևէ առիթ ունեցե՞լ եք նամակի թուղթ գնելու։

Չէի հիշում, որ գնած լինեմ։

― Գիտե՞ք, այս թուղթը շատ թանկ է մաքսի պատճառով․ թերթը արժի երեք պենս։ Էլ վճարելու բան չկա, բացի սպասավորին տալու ընծայից։ Թանաքին գալով խոսելն էլ ավելորդ է․ այս արդեն ես իմ վրա կընդունեմ։

― Ուրեմն որքա՞ն պիտի հասնի ձեզ․․․ որքա՞ն է իմ վճարելիքը․․․ որքա՞ն պետք է տալ սպասավորին․․․ Խնդրեմ ասացեք, ― թոթովեցի ես կարմրելով։

― Եթե ես երեխաներ չունենայի, երեխաներս էլ ծաղիկ չունենային, ― ասաց սպասավորը, ― այն ժամանակ վեց պենս էլ չէի վերցնի։ Եթե ես պարտավոր չլինեի պառավ մորս ու սիրասուն քրոջս խնամել (այստեղ նա շատ հուզվեց), մի ֆարտինգ[8] էլ չէի վերցնի։ Եթե պաշտոնս լավ լիներ և հետս լավ վարվեին, ես դեռ ինքս կխնդրեի մի չնչին բան ընդունել ինձանից, փոխանակ ձեզնից ստանալու։ Բայց ես ուրիշներից մնացող փշրանքով եմ ապրում․․․ և ամբարի մեջ քարածխի վրա քնում․․․

Եվ այս ասելիս սպասավորը լաց եղավ։

Խեղճ մարդու աղետները շատ հուզեցին ինձ, և ես զգացի, որ նրան ինը պենսից պակաս տալը մի կոպիտ անգթություն կլինի։ Հետևաբար իմ երեք փայլուն շիլինգներից մեկը նրան տվի․ նա մեծ ակնածությամբ ու խոնարհությամբ ընդունեց և հետևյալ րոպեին եղունգի վրա հնչեցրեց լավությունը փորձելու համար։

Մի բան փոքր֊ինչ շփոթեցրեց ինձ։ Երբ օգնում էին ինձ կառք նստել, նկատեցի, որ մարդկանց կարծիքով ամբողջ ճաշը ես միայն կերած կլինեմ՝ առանց ուրիշի մասնակցության։ Այս գյուտն անելուս առիթ տվեց պատուհանից խոսող կնոջ ձայնը, որ ասում էր կոնդուկտորին․ ― Մտիկ արա, Ջորջ, որ այդ տղան չպայթի։ ― Պանդոկի աղախինները դուրս թափվեցին և սկսեցին քրքջալով դիտել ինձ, ասես թե մի նորահայտ հրաշք լինեի։ Իմ դժբախտ բարեկամը՝ պանդոկի սպասավորը, որ արդեն նորից զվարթացել էր, ոչ միայն չէր շվարել, այս բոլորից, այլ դեռ ինքն էլ առանց քաշվելու, մասնակցում էր նրանց ընդհանուր զարմանքին։ Եթե նրա մասին ես որևէ տարակույս ունենայի, այդ հանգամանքը հարկավ աչքերս փոքր֊ինչ կբանար, սակայն նկատի առնելով մանուկ հասակիս լիահավատ ակնածությունը մեծերից (մի հատկություն, որ այժմյա մանուկները դժբախտաբար վաղ են զոհում աշխարհային իմաստությանը), հակամետ եմ կարծելու, թե մինչև անգամ այդ միահամուռ ծիծաղի ժամանակ ոչ մի կասկած նրա մասին մտքովս չանցավ։

Բայց պիտի խոստովանեմ՝ ինձ շատ վշտացնում էր, որ կոնդուկտորն ու կառապանը հեգնության առարկա էին արել ինձ, ասելով թե իմ ծանրության պատճառով շարունակ մի կողմ է թեքվում դիլիժանսը, և թե ես լավ կանեմ, եթե ապագայում ֆուրգոնով ճամբորդեմ։ Կարծեցյալ ախորժակիս պատմությունն արդեն մյուս ուղեկիցներն էլ գիտեին․ ուստի նրանք էլ չարաչար ծաղրում էին ինձ և հարցնում՝ արդյոք պանսիոնին երկո՞ւ հոգու, թե՞ երեքի թոշակ կվճարվի ինձ համար, կամ արդյոք մի առանձի՞ն սակարկություն արված կլինի իմ մասին, թե՞ ինձ էլ մյուսների պես սովորական վճարով կընդունեն։ Բայց այս կատակների ամենավատ հետևանքն այն եղավ, որ ուր էլ պետք լիներ մի բան ուտել, ես ամոթից պետք է ծոմ պահեի և թեթև ճաշից հետո ամբողջ գիշեր սոված մնայի, որովհետև շտապելուս պատճառով կարկանդակներս պանդոկումն էի թողել։ Երկյուղս արդարացավ։ Երբ կանգ առանք իջևանում ընթրելու, ես չվստահեցի որևէ կերակրի համը տեսնել, թեև ախորժակս սաստիկ էր․ այլ վառարանի մոտ նստելով ասացի, թե ոչինչ չեմ ուզում ուտել։ Այս էլ ինձ հանաքներից չազատեց․ խռպոտ ձայնով ու շառագուն դեմքով մի պարոն, որ գրեթե ամբողջ ճանապարհին սենդվիչ էր ուտում և իր շշից օղի քամում, նկատեց, թե ես նման եմ բոայի, որ մի անգամ փորը լցնելուց հետո մի քանի օր կուշտ է մնում, և այս ասելուն պես շարունակեց խաշած մսի ահագին կտորը սպառել։

Մենք մեկնել էինք Յարմաութից ցերեկվա ժամը երեքին և հետևայլ առավոտյան ութին Լոնդոն պիտի հասնեինք։ Ամառվա կեսն էր և շատ ախորժելի երեկո։ Գյուղերի միջով անցնելիս ես աշխատում էի պատկերացնել ինձ նրանց տների ներքին սարքը և բնակիչների զբաղմունքը․ և երբ տղաները մեր հետևից վազ էին տալիս ու դիլիժանսի վրա ցատկում, ես հարցնում էի ինձ, թե արդյոք նրանց հայրերը կենդանի՞ են և կամ իրենք իրենց տանը բախտավո՞ր են։ Խորհելու նյութեր շատ կային, սակայն մտքերս անդադար դեպի իմ ուղևորության նպատակն էին սլանում և շատ տխուր զգացմունքներ ներշնչում ինձ։ Մերթ հիշում էի մայրիկիս, մերթ Պեգգոտիին, մերթ էլ փորձում էի մտաբերել, թե ինչ տղա էի, քանի դեռ մր․ Մեորդոստոնին չէի կծել, սակայն իզուր․ այնքան հնացած էին ինձ թվում այդ բոլոր բաները։

Գիշերը երեկոյի չափ քաղցր չէր․ արդեն ցուրտ էր, և որպեսզի ես դիլիժանսից դուրս չընկնեմ, ինձ նստեցրել էին երկու ջենտլմենի մեջտեղը (մեկը խռպոտն էր, իսկ մյուսը մի ուրիշ պարոն), որոնք մրափելիս այնպես ինձ ճխլտում էին, որ ես գրեթե խեղդվում էի։ Երբեմն էլ նրանք այնպես էին հրում ինձ, որ ակամա ճչում էի․ «Ա՛խ, պարոններ, ներեցեք», ― և այս նրանց ամենևին դուր չէր գալիս, որովհետև ձայնս նրանց խանգարում էր։ Դիմացս նստած էր մի ահագին մուշտակով պառավ տիկին՝ այն աստիճան փաթաթված, որ մթության մեջ մի խոտի դեզ էր հիշեցնում, քան տիկին։ Այդ տիկինն ուներ մի կողով և երկար ժամանակ չէր իմանում, թե որ ծակը խոթի այն․ վերջապես գտավ, որ կարող է ոտքերիս տակը սլլեցնել, որովհետև ոտքերս կարճ էին։ Կողովն այնչափ նեղում էր ինձ ու չարչարում, բայց հենց որ իմ ամենաթեթև շարժումից նրա մեջ մի բաժակ զնգզնգար մի ուրիշ առարկայի զարնվելով, տիկինը չարաչար ինձ քացի էր տալիս և ասում․

― Այս ի՞նչ անհանգիստ սատանա ես դու, ա՜յ տղա։

Վերջապես արեգակը ծագեց, և ենկերներս սկսեցին ավելի աանուշ քուն վայելել։ Գիշերվա տանջանքից հետո այժմ նրանք մի այնպիսի ահեղ հռնչյուն ու խորդյուն էին արձակում, որ ասել անգամ չի կարելի։ Արեգակի բարձրանալու հետ՝ նրանց քունը մեղմանում էր և բոլորն էլ մի առ մի արթնանում։ Հիշում եմ, թե որքան էի ապշած, երբ յուրաքանչյուրը պնդում էր, թե ոչ մի րոպե չի քնել, և չարանում, եթե ասեին, թե քնել է։

Ավելորդ է պատմել, թե որքան հրաշալի երևաց ինձ Լոնդոնը, երբ հեռվից նրան տեսա։ Նրան դիտելիս ինձ թվում էր, թե իմ սիրած հերոսների արկածները միշտ կրկնվում են այդ վիթխարի քաղաքում, որ իմ կարծիքով շատ ավելի սքանչելի բաներ ու ոճիրներ պետք է պարունակեր, քան աշխարհիս մի որևէ ուրիշ քաղաք։ Հետզհետե մոտեցանք և մտանք մի հյուրանոցի բակ Ուայտչեպի թաղում, որ մեր վերջին կայարանն էր։ Էլ չեմ հիշում, թե ինչպես էր կոչվում այդ հյուրանոցը․ «Կապույտ Ցո՞ւլ», թե «Կապույտ Վարազ», միայն միտքս է, որ նա մի կապույտ կենդանու անուն ուներ, և կենդանին դիլիժանսի քամակին էլ նկարված էր։

Կոնդուկտորը կառքից իջնելիս վրաս նայեց և գրասենյակի դռանը մոտենալով հարցրեց․

― Ո՞վ է սպասում Մեորդստոն անունով ցուցակ մտած երեխային, որ գալիս է Բլենդրոտընից։ Թող գան նրան տանելու։

Ոչ ոք պատասխան չտվեց։

― Խնդրեմ, սըր, փորձեցեք Կոպպերֆիլդի անունը տալ, ― ասացի ես, ― հուսահատ ցած նայելով։

― Ո՞վ է սպասում Մեորդստոն անունով հիշատակված, բայց ինքն իրեն Կոպպերֆիլդ կոչող երեխային, որ գալիս է Սուֆֆոլկ նահանգի Բլենդրոտընից և այստեղ պիտի մնա, մինչև որ մարդ գա հետևից, ― հարցրեց առաջնորդը։ ― Ասացեք, ո՞վ է սպասում։

Սպասող չկար։ Ես տագնապով շուրջս նայեցի․ սակայն նայելս ոչ ոքի վրա ազդեցություն չարեց, բացի մի միականի ջենտլմենից, որ բարի եղավ ասելու, թե լավ կլիներ մի պարան անցկացնել վզիս և ինձ մի անտեր անասունի պես մսուրին կապել։

Սանդուխք դրին դիլիժանսի մոտ, և ես ցած իջա դեզանման պառավից հետ․ չէի համարձակվում տեղից շարժվել, մինչև նա իր կողովը չվերցներ։ Բոլոր ուղևորներն արդեն իջել էին, հակերը հանձնվել, ձիերն արձակվել, և դիլիժանսն էլ կառատուն քաշվել ծառաների ձեռքով։ Բայց և այնպես, դեռ ոչ ոք չէր հայտնվում հարցնելու Սուֆֆոլկի Բլենդրոտընից եկած փոշոտ մանկան մասին։

Ավելի մենակ, քան նույնիսկ Ռոբինզոն Կրուզոն, որի մոտ գոնե մարդ չկար, որ նրա միայնությունը տեսներ, ես գրասենյակ մտա և հերթապահ գրագրի հրավերով հակեր կշռող կշռաթաթի վրա նստեցի։ Այդտեղ, մինչ ես բեռների, հակերի, ծրարների ու գրքերի շեղջի միջև նստած էի, ախոռի հոտը շնչելով (որ ընդմիշտ այդ առավոտյան հետ զոդված է մնացել մտքիս մեջ), անթիվ և մեկը մյուսից ահռելի մտքեր սկսեցին ինձ պաշարել։ Ենթադրենք, թե ոչ ոք չերևա ինձ հարցնելու․ մինչև ե՞րբ այնուհետև թույլ կտան ինձ այստեղ մնալ։ Միթե այնքա՞ն կպահեն, որ իմ յոթ շիլինգից էլ ոչ մեկը չմնա։ Մի՞թե գիշերն այս փայտե սարայում կանցկացնեմ մյուս հակերի հետ միասին, և առավոտյան բակի ջրհանից կլվացվեմ։ Եվ կամ մի՞թե ամեն երեկո դուրս կանեն ինձ, որպեսզի առավոտները վերադառնամ ու սպասեմ, մինչև որ հարցնող լինի իմ մասին։ Հապա եթե այս բանի մեջ սխրանք չլինի՞ և մր․ Մեորդստոնը գիտությամբ ամբողջ խաղը հնարած լինի՝ ինձնից ընդմիշտ ազատվելու համար, ― ի՞նչ պիտի անեմ այն ժամանակ։ Անգամ եթե թույլ էլ տան ինձ այստեղ մնալ մինչև որ բոլոր շիլինգներս վերջանան, այնուհետև ո՞վ կպահի գրեթե սովամահ տղային։ Այս հանգամանքը դուր չէր գա կայարանի հյուրերին, էլ չասենք, որ թաղման ծախս էլ կպատճառեր «Կապույտ Ցուլի» կամ «Վարազի» տիրոջը։ Իսկ եթե փորձեմ իսկույն ևեթ տուն փախչել, ճանապարհը ինչպե՞ս գտնեմ, ինչպե՞ս հասնեմ մինչև տուն, ― եթե հասնեմ էլ, արդյոք վստա՞հ եմ, որ բացի Պեգգոտիից, գեթ մեկը կուզենա ընդունել ինձ գոհ սրտով։ Արդյոք տեղական ոստիկանին չներկայանա՞մ և չասե՞մ, թե պատրաստ եմ նավաստի գրվել կամ զինվոր, բայց հասակս դեռ այնքան փոքր է, որ ինձ հարկավ կմերժեն․․․ Այս և սրանց նման հազար մտքեր տոչորում էին ինձ և ահ ու դողով պաշարում։ Այս տագնապի ամենասաստիկ վայրկյանին հանկարծ մի մարդ ներս մտավ և գրագրին մի բան շշնջաց․ գրագիրն իսկույն կշեռքի վրայից վերցրեց ինձ և դեպի նորեկը հրեց, իբրև թե մի ապրանք, որ արդեն կշռված, գնված ու վճարված է։

Նոր բարեկամի հետ ձեռք ձեռքի տված գրասենյակից դուրս գնալիս, ես նրա վրա մի թաքուն հայացք գցեցի։ Նա մի նիհար ու վտիտ երիտասարդ էր, ներս ընկած գունատ այտերով և մր․ Մեորդստոնի կզակի նման սև կզակով․ սակայն դրանով էլ վերջանում էր նրանց նմանությունը, որովհետև երիտասարդի մորուքն ածիլված էր և գլխի մազերը քրքրված ու չոր էին, ոչ թե մյուսինի պես օծված ու պսպղուն։ Հագին ուներ մի սև զգեստ և սև վարտիք, երկուսն էլ կարճ ու մաշված․ զգեստի թևերը հազիվ էին հասնում դաստակին, իսկ վարտիքը՝ կոճերին։ Չէր կարելի ասել, թե նրա սպիտակ փողպատը շատ մաքուր է։ Չեմ կարծել, չեմ էլ կարծում, թե նրա միակ սպիտակեղենը այդ լիներ, սակայն ուրիշի հետքն անգամ չէր նշմարվում նրա վրա։

― Դո՞ւք եք նոր տղան, ― ասաց նա։

― Այ, սըր, ― պատասխանեցի ես, ենթադրելով, թե ես եմ։ (Հաստատ բան չգիտեի)։

― Ես Սալեմ Հաուսի վարժապետներից մեկն եմ, ― հայտնեց նա։

Ես գլուխ տվի նրան սարսափաց։ Սալեմի գիտնական մարդու առջև ես մոռացա հիշել սնդուկիս պես մի չնչին բան և միայն այն ժամանակ վստահեցի ակնարկել նրան այդ մասին, երբ բակից արդեն փոքր֊ինչ հեռացել էինք։ Իմ խոնարհ նկատումից հետո, թե սնդուկը կարող է ինձ մի օր պետք գալ, մենք ետ գնացինք, և նա ասաց գրագրին, թե երեկոյան մարդ կուղարկի այդ սնդուկը տանելու համար։

― Սըր, ― ասացի ես, երբ կայարանից դուրս ելանք, ― խնդրեմ շնորհ արեք ասելու, թե մինչև ո՞ւր պիտի գնանք։

― Մինչև Բլեկհիթի մոտերքը, ― պատասխանեց նա։

― Շատ հեռո՞ւ է, ― հարցրի ես անվստահ։

― Բավական հեռու։ Բայց մենք հանրակառքով կգնանք այնտեղ։ Մի վեց մղոն կլինի։

Ես այնքան հոգնած էի ու ջարդված, որ դարձյալ վեց մղոն անցնելն ուժիցս վեր թվաց ինձ։ Ես սիրտ առա պատմելու վարժապետին, թե ամբողջ գիշեր ո՛չ քնել եմ, ո՛չ բան կերել, և ասացի, թե շատ շնորհակալ կլինեմ, եթե նա ինձ թույլ տա որևէ ուտելիք գնել։ Վարժապետը, կարծեմ, շատ զարմացավ ու կանգ առնելով վրաս նայեց։ Մի քանի վայրկյան մտածելուց հետո, նա ասաց, թե մտնելու է մի հարևան պառավի տուն և թե ես լավ կանեմ, եթե մի հատ հաց և մի ուրիշ սննդարար բան առնեմ և պառավի տանը նախաճաշ անեմ, ուր գուցե կաթ էլ ճարվի։

Երբ հացթուխի պատուհանին մոտեցանք, աչքերս վառվեցին սիրուն ու հյութիչ կարկանդակների տեսքից․ կուզենայի բոլորն էլ գնել, բայց վարժապետը խորհուրդ տվեց բավականանալ միայն մի բլիթով, որ կարժեր երեք պենս։ Նպարավաճառի մոտ էլ մի հատ ձու ու մի շերտ ճարպ գնեցինք։ Այս բոլորի գինը ես իմ երկրորդ շիլինգից վճարեցի և մոտս դեռ այնքան մանր փող մնաց, որ Լոնդոնի կյանքը շատ էժան թվաց ինձ։ Մեր պաշարը վերցրած, շարունակեցինք առաջ գնալ աղմկալի բազմության միջով, որի իրարանցումն ու աղաղակը անտանելի էր արդեն հոգնած գլխիս համար․ հետո անցանք մի կամուրջ, որ երևի Լոնդոն Բրիջն էր (կարծեմ այդպես ասաց վարժապետը, բայց լավ չլսեցի․ քունս սաստիկ տանում էր), և վերջապես հասանք պառավի տունը։ Դա մի աղքատանոց էր, այդ երևում էր ճակատի վերնագրից, որ կարդացի․ «Այս տունը շինված է քսանհինգ չքավոր կանանց համար»։

Սալեմ Հաուսի վարժապետը շարժեց իրար նման սև ու փոքրիկ դռներից մեկի հնչակը․ ամեն դուռը մի փոքրիկ ու գունավոր լուսամուտ ուներ մի կողմից, մի հատ էլ վերևից։ Մտանք մի փոքրիկ սենյակ, ուր մի պառավ կին կրակ էր արծարծում կասկարայի տակ։ Պառավ կինը վարժապետին տենսնելուն պես փուքսը վայր դրեց և, դո՞ւ ես, իմ Չարլիկ, կամ սրա նման մի բան ասաց․ բայց երբ ինձ էլ նկատեց, շփոթվելուց վերկացավ և ձեռքերն իրար շփելով գլուխ տվեց։

― Կարո՞ղ ես այս պատանի ջենտլմենի համար մի նախաճաշիկ պատրաստել, ― ասաց Սալեմ Հաուսի վարժապետը։

― Այդ ի՞նչ հարցմունք է։ Իհարկե կարող եմ, ― պատասխանեց պառավը։

― Ինչպե՞ս է միստրիս Ֆիբբիտսընը, ― հարցրեց վարժապետը, նայելով մի ուրիշ պառավ կնոջ, որ նստած էր կրակի մոտ բազկաթոռում։

Այդ պառավն այնքան նման էր հնոտիներից կազմված կապոցի, որ սխալմամբ վրան չնստելու համար մինչև այժմ փառք եմ տալիս աստծուն։

― Ա՜խ, նրա բանը վատ է, ― ասաց առաջին պառավը։ ― Այսօր նրա վատ օրն է։ Կարծում եմ, որ եթե մեր կրակը պատահմամբ մարի, նա էլ հետը կմարի և այլևս չի զարթնի։

Այս խոսքերից հետո նրանք մտիկ տվին պառավին․ ես էլ միևնույնն արի։ Թեև եղանակը տաք էր, բայց նա, կարծեք, կրակից բացի ուրիշ բանի մասին չէր մտածում։ Ակներև էր, որ նա կրակի վրա դրված կասկարային անգամ նախանձում է և գոհ չէ, որ իմ ձուն ու ճարպի շերտը այդ թավայի մեջ պիտի խորովեին, ես մինչև անգամ նկատեցի, որ նա թաքուն սպառնում է ինձ բռունցքով, մինչ մյուսները նախաճաշ պատրաստելու վրա էին։ Արեգակը ներս էր շողում լուսամուտից, բայց պառավը իր կռնակը և բազկաթոռի լայն թիկունքը նրա դեմ դարձրած՝ փութաջան պատսպարում էր կրակը, ասես կամենալով տաք պահել նրան, փոխանակ ինքը նրանով տաքանալու, և վախով հսկում էր վրան։ Հենց որ նախաճաշիս պատրաստությունը վերջացավ և թավան կրակից հանեցին, պառավն այնպես ուրախացավ, որ ցնծության ճիչ հանելով ծիծաղեց, և պիտի ասեմ՝ չէր կարելի այդ ծիծաղը քաղցրահնչուն անվանել։

Ես նստեցի իմ բլիթն, ձուն ու ճարպը վայելելու․ մի բաժակ էլ կաթ տվին ինձ։ Նախաճաշս հիանալի էր։ Մինչ այսպես քեֆ էի անում, տան պառավն ասաց վարժապետին․

― Չարլիկ, սրինգդ հե՞տդ է։

― Հետս է, ― պատասխանեց նա։

― Մի բան ածես մեզ համար, ― ասաց պառավը գգվանքով։ ― Խնդրում եմ։

Վարժապետն իսկույն հանեց իր փեշի տակից սրնգի երեք կտորները և մեկը մյուսին անցկացնելով, սկսեց նվագել։ Իմ կարծիքը, բազմամյա մտածմունքից հետո, այն է, թե աշխարհիս երեսին ոչ մի մարդ չէր կարող նրանից վատ նվագել։ Նա սարսափելի ձայներ էր հանում իր գործիքից, ձայներ, որոնց նմանը դեռ ոչ մի արարած չէր հնչեցրել բնական կամ արհեստական միջոցով։ Չգիտեմ, թե ի՞նչ եղանակ էր նվագում նա, կամ որևէ եղանակ կա՞ր նրա սուլոցի մեջ, միայն թե նվագի արդյունքն այն եղավ, որ առաջին՝ բոլոր վշտերս նորոգվեցին, և ես չէի կարողանում արտասուքս զսպել․ երկրորդ՝ ախորժակս փախավ և երրորդ՝ այնպիսի նիրհ եկավ վրաս, որ դժվարանում էի աչքերս բաց պահել։ Թմրությունը բոլորովին տիրեց ինձ, և սենյակի առարկաները սկսեցին մեկ֊մեկ անհետանալ, նաև անկյունի բաց պահարանը, հետո բարձրաթեք աթոռները, հետո վերև տանող ոլորապտույտ սանդուղքը և վերջապես վառարանի քիվի վրա գցված՝ սիրամարգի երեք փետուրները․․․ Դեռ ներս մտնելիս հարցրել էի ինձ, թե ի՞նչ կաներ սիրամարգը, եթե իր զարդերին վիճակված դերն իմանար։ Քունս սաստկացավ, գլուխս կախ ընկավ․․․ սրնգի ձայնը էլ չի լսվում․ դրա փոխարեն դիլիժանսի շարժումն է թնդում․․․ ես նորից ճամփի վրա եմ։ Հանկարծ կառքը ցնցվում է, ես խրտնելով քնից սթափվում եմ և դարձյալ լսում սրնգի ձայնը։ Սալեմ Հաուսի վարժապետը, մի ոտքը մյուսին դրած, աղիողորմ փչում է, մինչ պառավ տանտիկինը հիացած նայում է նրան ակնապիշ։ Բայց ահա նա էլ անհետացավ, վարժապետն էլ անհետացավ, ամեն բան անհետացավ, ո՛չ սրինգ կա այլևս, ո՛չ վարժապետ, ո՛չ Սալեմ Հաուս, ո՛չ էլ Դավիթ Կոպպերֆիլդ․ բնավ ոչինչ բացի խոր քնից։

Բայց կարծեմ մի անգամ տեսա իբր թե երազիս մեջ, որ մինչ վարժապետը շարունկում էր իր սոսկալի սրինգը փչել, հափշտակված տանտիկինը, որը փոքր առ փոքր մոտեցել էր նրան, նրա աթոռի վրա կռացավ․ վզին փարվեց և նրան եռանդով համբուրեց․ սրնգի ձայնն իսկույն լռեց։ Երևի այդ միջոցին և փոքր֊ինչ հետո ես կիսարթուն դրության մեջ էի, որովհետև երբ վարժապետը իր խաղը նորից սկսեց (ապացույց, որ նա իրոք դադարել էր նվագելուց), ես լսեցի, թե ինչպես միևնույն պառավը հարցրեց մր․ Ֆիբբիտսընին․ ― Հիանալի է, չէ՞, (այսինքն սրինգը), իսկ մրս․ Ֆեբբիտսընը պատասխանեց․ ― այո՛, այո՛, ― և կախ ընկավ դեպի կրակը, անշուշտ կարծելով, թե դրա միջից էր հնչում այդ ամբողջ հրաշալիքը։

Արդեն բավական քնած կլինեի, երբ Սալեմ Հաուսի վարժապետը, իր սրնգի երեք մասերն իրարից բաժանեց, առաջվա պես գրպանը դրեց և հրավիրեց ինձ, որ գնանք։ Հանրակառքը շատ մոտիկ էր․ մենք նստեցինք կտրի վրա․ սակայն ես դեռ այնքան թմրած էի, որ երբ կառքը մի նոր ճամբորդ ընդունելու համար կանգնեց, ինձ ներսի պարապ կողմը նստեցրին, ուր ես դարձյալ խոր քնի մեջ սուզվեցի, որը և տևեց մինչև ձիերի հանդարտ քայլով բարձրանալը մի ծառազարդ բլրի վրա։ Կառքը կանգ առավ․ արդեն հասել էր նպատակին։

Վարժապետը և ես մի քանի քայլ անելուց հետո Սալեմ Հաուսին մոտեցանք․ դա մի տխուր շինություն էր՝ աղյուսե բարձր պարսպով շրջապատված։ Պարսպի դռան ճակատին գրված էր Սալեմ Հաուս։ Դռան հնչակը որ քաշեցինք, նրա փոքրիկ լուսամուտի միջով մի ժանգոտ դեմք դուրս նայեց․ այս դեմքը, ինչպես որ դուռը բացվելուն պես նկատեցի, պատկանում էր մի պարարտ ցուլի նման հաստավիզ մարդու, որի գլխի մազերը կարճ խուզված էին, ճակատը գունդ էր և ինքը միոտանի։

― Ահա նոր տղան, ― ասաց վարժապետը։

Փայտոտանին վերից վար դիտեց ինձ (դրա համար շատ ժամանակ պետք չեղավ, չէ՞ որ ես փոքր էի) և դռները փակելով, բանալին իր գրպանը դրեց։ Մինչ մենք հաստատուն ու տերևախիտ ծառերի միջով դիմում էինք դեպի տուն, նա վարժապետի հետևից կանչեց․

― Հե՜յ։

Ետ նայեցինք։ Միոտանին իր խցիկի առջև, մուտքի դռան մոտ, ձեռքին մի զույգ կոշիկ բռնած՝ կանգնած էր։

― Տեսեք, մր․ Մելլ, ― ասաց նա։ ― Ձեր գնալուց հետո կոշկակարը եկել էր։ Ասաց, թե ամենևին չի կարելի նորից կարկատել։ Ասաց, թե նախկին կոշիկներից մի կտոր էլ չի մնացել սրանց վրա, և զարմացավ, թե ինչպես եք ուզում, որ այսպիսի անպետք հնոտիք կարկատի։

Այս ասելով նա կոշիկները մր․ Մելլին շպրտեց․ իսկ սա վերցրեց դրանք և սկսեց տխուր֊տխուր զննել։ Այդ միջոցին ես առաջին անգամ նկատեցի, որ նրա հագած կոշիկները ավելի են մաշված, և գուլպան բողբոջի պես դուրս է ցցվել մի ծակից։

Սալեմ Հաուսը մի աղյուսաշեն քառակուսի տուն էր՝ երկու թևով, դրսից մերկ ու անզարդ։ Նրա մեջն ու շուրջը մի այնպիսի լռություն էր տիրում, որ ես ասացի մր․ Մելլին, թե աշակերտներն անշուշտ զբոսնելու գնացած կլինեն․ բայց նա զարմանալով հարցրեց՝ մի՞թե չգիտեմ, որ այժմ արձակուրդ է, թե բոլոր աշակերտները ցրված են, թե վարժարանի տեսուչ մր․ Կրիկլը մրս․ և միս Կրիկլի հետ ծովափ է գնացել, և թե վատ վարքիս փոխարեն ինձ պատժելու համար է, որ ես հատկապես արձակուրդի միջոցին եմ այստեղ ուղարկվել։

Նրա ցույց տրված սերտարանի նման ողբալի և ամայի տեղ ես օրումս չէի տեսել։ Այսօր էլ աչքիս առաջ կանգնած է։ Դա մի երկայն դահլիճ էր՝ երեք շարք երկարաձիգ սեղաններով և վեց շարք նստարաններով, չորս կողմի որմերին մեխեր էին խփված՝ քարետախտակներ ու գլխարկներ կախելու համար։ Կեղտոտ հատակի երեսին բզկտված տետրակների շեղջեր էին ցրված, ամբիոնի վրա թղթից շինված շերամի տուփեր էին երևում։ Երկու թշվառ, անտեր մնացած մկնիկներ ետ ու առաջ էին վազվզում մի թակարդի մեջ և կարմիր֊կարմիր աչքերով սնունդ որոնում անկյուններում։ Մի թռչնիկ էլ, որ փակված էր իրենից քիչ մեծ վանդակում, միակերպ շխշխում էր մերթ ձողի վրա թռչելով, մերթ դեպի վար ցատկելով, բայց ո՛չ երգում էր, ո՛չ ծլվլում։ Ամբողջ սենյակը տոգորված էր ցեցակեր շորերի, փտած խնձորների և բորբոսնած մրգերի գարշ հոտով։ Ավելի թանաք չէր սրսկվի այդ դահլիճում, եթե նույնիսկ շինվելու օրից ծածկ չունենար, և տարին տասներկու ամիս անձրևի, ձյունի, կարկուտի տեղ՝ միայն թանաք թափված լիներ նրա մեջ։

Այդ բոլորը ես դիտեցի ծանր քայլերով սերտարանում ման գալիս, մինչ մր․ Մելլը հեռացել էր իր անբուժելի կոշիկները վերի սենյակը տանելու համար։ Հանկարծ սեղանի վրա աչքիս դիպավ ստվարաթղթից շինված մի նշանակ՝ «Զգուշացեք կծում է» վերնագրով։

Նույն վայրկյանին ես ամբիոնի վրա թռա, կարծելով թե սեղանի ներքև մի ահագին շուն կլինի։ Սակայն զուր էի ահ ու դողով որոնում նրան․ շուն չկար։ Դեռ խուզարկությունս շարունակում էի, երբ մր․ Մելլը վերադարձավ և հարցրեց, թե ինչ եմ անում ամբիոնի վրա։

― Ներեցեք, սըր, ― ասացի ես, ― ուզում եմ տեսնել, թե որտե՞ղ է շունը։

― Շո՞ւնը, ― հարցրեց նա։ ― Ի՞նչ շուն։

― Հապա այն ի՞նչ է, եթե շուն չէ, սըր։

― Ի՞նչն է այն, որ շուն չէ։

― Այն կենդանին, սըր, որից պետք է զգուշանալ և որ կծում է։

― Չէ՛, Կոպպերվիլդ, ― ասաց մր․ Մելլը լրջությամբ․ ― դա շուն չէ։ Տղա է։ Ինձ պատվիրված է, Կոպպերֆիլդ, ձեր մեջքին կապել այդ նշանակը։ Ցավում եմ, որ հենց սկզբից ձեզ հետ այսպես պիտի վարվեմ, բայց ի՞նչ անեմ, ստիպված եմ։

Այս ասելով նա վար քաշեց ինձ ամբիոնից և կռնակիս կապեց նշանակը, ինչպես մի զինվորական պայուսակ, և այն րոպեից՝ ուր էլ գնայի, բախտ ունեի նրան իմ վրա կրելու։

Հնարավոր չէ երևակայել, թե ինչեր եմ քաշել այդ նշանակից։ Արդյոք որևէ մարդ կտեսե՞ր ինձ, թե չէր տեսնի միևնույն է․ ինձ շարունակ թվում էր, թե մեկն ու մեկը կարդում է այն։ Մխիթարություն չէր ինձ համար, որ մեջքս անդադար շուռ տալիս ես ոչ մի մարդ չէի նկատում, որովհետև միշտ կարծում էի, թե գոնե մի մարդ կանգնած կլինի իմ հետևում։ Անողորմ միոտանին ավելի էր տանջում ինձ։ Նրա պարտքն էր հսկել վրաս, և հետևաբար, հենց որ ես մեջքս դեմ էի տալիս որևէ ծառի կամ պատի, նա ահեղ ձայնով գոռում էր․ ― Հե՜յ, Կոպպերֆիլդ։ Լավ ցույց տուր նշանակդ, եթե ոչ իմաց կտամ։ ― Խաղալու տեղը առջևի կողմից ծածկված բակ էր տան ետևում, դեպի ուր նայում էին խոհանոցի ու մառարնի պատուհանները․ և ես գիտեի, որ մինչ ամեն առավոտ այնտեղ ակամա զբոսնում էի, ծառաներն էլ նշանակս կարդում են, մսագործն էլ կարդում է, հացթուխն էլ կարդում է․ կարճ՝ ամեն անցորդ կարդում է, թե պետք է ինձանից զգուշանալ, որովհետև ես կծում եմ։ Միտքս է, որ ես ինքս իրոք սկսեցի վախենալ ինձնից, իբրև մի վայրենի և կծող տղայից։

Այդ բակում մի հին դուռ կար, որի վրա բազմաթիվ աշակերտների անուններ էին փորագրված, և նա այդպիսի քանդակներով բոլորովին ծածկված էր։ Արձակուրդը վերջանալու վրա էր, և տղաները շուտով վերադառնալու էին․ այս մասին ահ ու դողով մտածելիս՝ ես չէի կարողանում հատկապես մի աշակերտի անունը կարդալով չհարցնել ինքս ինձ, թե արդյոք նա ի՞նչ եղանակով ու հոգով կարտասանի․ «Զգուշացեք, կծում է» խոսքերը։ Այդտեղ կար Ջ․ Ստիրֆորթ կոչված մի տղա, որի անունն ամենից խոր և ամենից շատ էր փորագրված։ Թվում էր ինձ, թե Ջ․Ստիրֆորդը նշանակիս մակագիրը բարձր ձայնով կկարդա և հետո մազերս կփետի։ Կար և Թոմի Տրեդլս անունով մեկը․ դա ինձ ծաղրի առարկա կանի, ձևացնելով, իբր թե սաստիկ վախենում է ինձնից, մտածում էի ես։ Երրորդին գալով, որ Ջորջ Դիմպլն էր, ենթադրում էի, թե նա երգելով կհնչեցնի նշանակիս մակագիրը։ Եվ մինչ ես, մի փոքրիկ, երկչոտ մանուկ, մի առ մի կարդում էի այդ անունները (որոնց տերերից, մր․ Մելլի ասելով, քառասունհինգը դեռ Սալեմ Հաուսի սաներ էին), հանկարծ ինձ այնպես թվաց, թե նրանք բոլորն էլ միաձայն գոռում են․ «Կովենտրի բանտը տարեք դրան», և ջոկ֊ջոկ ճվում․ «Զգուշացեք կծում է»։

Միևնույնը պատահում էր սեղաններն ու նստարանները դիտելիս, ննջարանի դատարկ անկողինները երեկոյան աչքի անցնելիս, նույնը և իմ հատուկ անկողնում։ Ամեն գիշեր երազիս մեջ կամ մորս էի տեսնում այնպես զվարթ, ինչպես առաջ էր, Կամ թե մր․ Պեգգոտիի մոտ հյուր գնալս, կամ մի դիլիժանսով ճամբորդելս․ կամ թե պանդոկի անբախտ սպասավորի հետ ճաշելս, և այս բոլոր դեպքերում մարդիկ պշնած նայում էին ինձ, տեսնելով որ գիշերվա շապկից ու նշանակից զատ՝ ուրիշ ոչինչ չունեմ հագիս։

Այս ձանձրալի ու միակերպ կյանքը և դպրոցի բացման մոտալուտ վտանգը անտանելի տրամադրություն էին պատճառում ինձ։ Ամեն օր մր․ Մելլը երկար դասեր էր տալիս ինձ, և ես հաջողությամբ պատրաստվում էի, որովհետև ո՛չ մր․ Մեորդստոնը կար այնտեղ, ո՛չ էլ միս Մեորդստոնը։ Դասերից առաջ և հետո զբոսնում էի փայտոտանու հսկողության տակ։ Որքան լավ եմ մտաբերում տան շրջակայքի խոնավությունը, բակի մամռոտ ու քրքրված սալահատակը, ջրի ճաքոտած հին տակառը և մի քանի տխուր ծառերի գունաթափ բները, որոնք կարծես մյուսներից ավելի էին անձրև կերել և զուրկ մնացել արևից։ Ժամը մեկին մր․ Մելլը և ես ճաշում էինք երկար ու դատարկ ճաշարանում, ուր բացի ճարպի հոտ բուրող սեղաններից, ուրիշ ոչ մի կարասի չկար․ հետո դարձյալ պարապում երեկոյան թեյից առաջ, որ մր․ Մելլն ընդունում էր մի կապույտ բաժակից, իսկ ես անագե բաժակից։ Ինչպես որ ցերեկվա ժամերին, այնպես էլ մինչև երեկոյան ժամը յոթը կամ ութը մր․ Մելլը նստած էր մնում սերտարանի ամբիոնի վրա, ուր գրչով, թանաքով, քանոնով, թղթերով ու գրքերով զբաղված՝ փութաջան պատրաստում էր ինչ֊որ բան։ Ես իմացա, որ դա Սալեմ Հաուսի վերջին կիսամյակի տեղեկագիրն է։ Երեկոյան գործն ավարտելուց հետո նա սկսում էր այնպիսի եռանդով իր սրինգը փչել, որ երբեմն կարծում էի, թե ահա ինքն էլ ոտքով գլխով սրնգի փողը կմտնի և նրա ծակով դուրս կթռչի իր վերջին շնչի հետ։

Պատկերացնում եմ իմ փոքրիկ անձն այդ կիսմութ սենյակում․ ահա նստած եմ, գլուխս դեմքիս դեմ տված, մր․ Մելլի վշտագին նվագածությանը ականջ դնելով ու վաղվա դասերս սերտելով։ Ահա գրքերս ծալված են ու կողքի դրված, բայց ես դարձյալ ականջ եմ դնում մր․ Մելլի նվագին ու կարծես լսում նրա սրնգի հեծեծանքի միջով, թե մեր տանը ինչ է կատարվում, և հողմն ինչպես է գոռում Յարմաութի ամայի ափերին։ Օ՜հ, մենակ, թշվառ ու հեգ եմ ես։ Ահա մտնում եմ թափուր ու դատարկ ննջարանը և անկողնուս վրա նստած աղիողորմ լաց լինում։ Պեգգոտիի սփոփիչ խոսքերին կարոտ։ Առավոտյան վայր եմ իջնում սանդուղքից և պատուհանի աղոտ ապակու միջով ահա տեսնում ուսումնարանի զանգակը, որ կախված է սայլատան կտրի վրա, հողմացույց աքլորի տակ։ Ես սարսռում եմ նրան տեսնելիս, որովհետև արդեն մոտ է այն ժամը, երբ նա հնչելով գործի կկանչի Ջ․ Ստիրֆորթին ու մյուսներին, ժանգոտ դուռը կբանա, և ահարկու մր․ Կրիկլը ներս կմտնի․․․ և ես նրան կներկայանամ իմ անբաժան նշանակով։

Մր․ Մելլը երկար֊բարակ չէր խոսում հետս, բայց սովոր էլ չէր կոպտությամբ վարվել։ Ես կարծում եմ, որ մենք անխոս էինք ընկերություն անում իրար հետ։ Մոռացա հիշատակել, որ երբեմն նա սովոր էր ինքը իր հետ խոսակցել, բռունցքը սեղմել, ատամները կրճտել և մազերը փետել։ Սակայն այս տարօրինակ սովորությունը միայն սկզբում էր վախեցնում ինձ․ հետո բոլորովին ընտելացա նրան։


Զ գլուխ

Ընդարձակում եմ բարեկամներիս շրջանը


Արդեն մի ամիս է, որ վարում էի այդ կյանքը, երբ փայտոտանին, մի ավել ու ջրի դույլ բռնած, սկսեց դեսուդեն ընկնել․ պետք էր կարծել, թե պատրաստվում է ընդունել մր․ Կրիկլին և սաներին։ Ենթադրությունս սխալ չէր, որովհետև շատ չանցած՝ ավելն ու դույլը նաև սերտարան մտան և այնտեղից դուրս քշեցին թե՛ մր․ Մելլին, թե՛ ինձ։ Չգիտեմ թե մենք ուր գնացինք ապրելու, միայն այս գիտեմ, որ շարունակ մի քանի օր պատահում էինք երկու֊երեք նորատի կանանց, որոնց մինչև այժմ ոչ մի անգամ չէի տեսել, և անդադար հալածված էինք մի այնպիսի փոշուց, որ ես ամեն վայրկյան փռշտում էի, կարծես թե Սալեմ Հաուսը մի ահագին քթախոտի տուփ լիներ։

Մի օր մր․ Մելը հայտնեց ինձ, թե նույն երեկոյան մր․ Կրիկլը պիտի գա։ Երեկոյան թեյից հետո լսեցի, թե արդեն ժամանակն է։ Քնելուս ժամից փոքր֊ինչ առաջ փայտոտանին պատվիրեց ինձ ներկայանալ մր․ Կրիկլին։

Շինության այն մասը, ուր բնակվում էր մր․ Կրիկլը, բուն վարժարանից գեղեցիկ էր և առջևը մի գեղեցիկ պարտեզ ուներ․ մեր զբոսնելու փոշոտ բակը դրա հետ համեմատած մի փոքր անապատ էր, որ թերևս ուղտերին միայն դուր կգար։ Նրբանցքի միջով սրտատրոփ անցնելիս՝ համարձակություն ունեցա դիտելու, որ տան այդ մասն էլ մյուսից ավելի վայելուչ չէ։ Ես այնպես շփոթված ներս մտա, որ չտեսա մինչև անգամ միս․ Կրրիկլին և միս Կրիկլին (թեև երկուն էլ ներկա էին հյուրասենյակում) և ոչ մի բան բացի նույն ինքը մր․ Կրիկլից, որ մի կլոր ջենտլմեն էր՝ ժամացույցի հաստ շղթայով ու շղթայի զարդերով։ Նա նստած էր բազկաթոռում մի փոքրիկ սեղանի մոտ, որի վրա մի հատ բաժակ և մի շիշ կար։

― Ա՜, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Դա՞ է ուրեմն այն տղան, որի ատամները պիտի սղոցենք։ Շուռ տվեք տեսնեմ։

Միոտանին շուռ տվեց ինձ, որ նշանակս պարզ երևա մր․ Կրիկլին, և մի քանի ժամանակ այս դիրքի մեջ բռնելով ինձ, նորից շուռ տվեց երեսովս դեպի նա, իսկ ինքը կանգնեց նրա կողքին։ Մր․ Կրիկլը ահարկու դեմք ուներ, ներս ընկած փոքրիկ աչքեր, հաստ երակներով ծածկված ճակատ, կլոր քիթ և լայն կզակ։ Գլուխը ճաղատ էր․ վրան մնացել էին մի քանի ճարպոտ, գորշ մազեր, որոնք քունքերի հետևից դեպի վեր բարձրանալով միանում էին գանգի կատարին։ Սաստիկ ապշեցրեց ինձ, որ նա գրեթե անձայն է և միայն շշնջում է խոսելիս։ Այդպես խոսելու դժվարությունից և կամ թե այդ բանից գրգռված նրա երեսը ավելի չար արտահայտություն էր ստանում, և ճակատի երակները ավելի էին արյունով լցվում․ ուստի բնավ չպետք է զարմանալ, որ նրա այդ հատկությունը մյուսներից ավելի տպավորվեց մտքիս մեջ։

― Տեսնենք, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Ի՞նչ ունեք ասելու դրա մասին։

― Առժամանակ ոչ մի վատ բան, ― պատասխանեց փայտոտանին։ ― Դեռ ոչ մի առիթ չի եղել։

Մր․ Կրիկլի հույսերը կարծես չքացան, իսկ նրա կիննն ու դուստրը (երկու նիհար ու լռիկ անձեր, որոնց այժմ միայն նկատեցի) գոհ մնացին փայտոտանու պատասխանից։

― Մոտեցիր, ― ասաց մր․ Կրիկլը, նշան անելով ինձ։

― Մոտեցիր, ― ասաց փայտոտանին, միևնույն նշանը կրկնելով։

― Ես պատիվ ունեմ ճանաչելու հայրացուիդ՝ խորթ հորդ, ― շշնջաց մր․ Կրիկլն ականջիցս բռնելով, ― նա մի շատ հարգելի և հաստատ բնավորություն ունեցող մարդ է։ Նա ինձ ճանաչում է, իսկ ես նրան։ Իսկ դու ճանաչո՞ւմ ես ինձ, հը՞, ― ասաց մր․ Կրիկլն ու վայրենի զվարճությամբ ականջս կսմթեց։

― Դեռ ոչ, սըր, ― պատասխանեցի ես, գոռալով ցավից։

― Դեռ ո՞չ, հը՞, ― կրկնեց մր․ Կրիկլը, ― բայց շուտով կճանաչես։ Չէ՞։

― Շուտով կճանաչես, այնպես չէ՞, ― կրկնեց իսկույն փայտոտանին։

Հետո հասկացա, որ նա իր զորեղ ձայնի շնորհիվ պատիվ էր ստացել մր․ Կրիկլի թարգմանը լինելու աշակերտների առջև։

Անասելի սարսափից պատասխան տվի, թե հույս ունեմ ճանաչելու, և այդ միջոցին ականջս կարծես այրվում էր, այնքան սաստիկ էր կսմթել։

― Իմացիր, թե ով եմ ես, ― փսփսցաց մր․ Կրիկլը, ականջս վերջին անգամ հուպ տալով, բայց այնպես, որ աչքերս արտասուքով լցվեցին։ ― Ես թաթար եմ։

― Թաթար է, ― կրկնեց փայտոտանին։

― Եթե ես ասեմ՝ պիտի անեմ այսինչ բանը, անշուշտ կանեմ, ― շարունակեց մր․ Կրիկլը․ ― և եթե ասեմ՝ այսինչ բանը պիտի արվի, անշուշտ պիտի արվի։

― Անշուշտ պիտի արվի, ― վրա բերեց կաղը։

― Ես մի հաստատ ու վճռական մարդ եմ, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Հաստատ ու վճռական․ իմացած եղիր՝ ինչ մարդ եմ։ Ես կատարում եմ իմ պարտքը․ այդ էլ իմացիր։ Ե թե նույնիսկ իմ մարմինը և արյունը (այս ասելիս նա մրս․ Կրիկլի վրա նայեց) կամքիս հակառակ ոտքի ելնի, էլ նրա մարմինը ու արյունը չի։ Ես կուրանամ նրան։ Իսկ այն պարոնը եկե՞լ է, ― հարցրեց նա դիմելով կաղին։

― Ո՛չ, ― պատասխանեց վերջինս։

― Ո՞չ, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Նա ավելի լավ գիտի։ Նա ինձ ճանաչում է։ Եվ թող հեռու կենա։ Ասում եմ, թող հեռու կենա, ― ասաց մր․ Կրիկլը, խփելով սեղանին և կնոջ վրա նայելով, ― թող հեռու կենա և չգա, որովհետև լավ գիտի, թե ո՞վ եմ ես։ Այժմ բարեկամ, դու էլ ահա սկսում ես ճանաչել ինձ։ Գնա կորի՛ր։ Տարե՛ք սրան։

Շատ գոհ եղա, որ վռնդում են ինձ, որովհետև մրս․ և միս Կրիկլը սկսել էին արտասվել, և ես հավասար տանջվում էի թե՛ նրանց վշտով, և թե՛ իմով։ Սակայն ես մտադիր էի հատկապես ինձ վերաբերյալ մի խնդիր հայտնել և ինքս զարմանալով իմ բարության վրա, ասացի․

― Արդյոք չե՞ք հաճի, սըր․․․

― Հը՞, ի՞նչ, ― փսփսաց մր․ Կրիկլը և հայացքն իմ վրա այնպես սևեռեց, որ կարծես ուզում էր իր աչքերով շանթակեզ անել ինձ։

― Չե՞ք հաճի արդյոք, ― թոթովեցի ես․․․ ― Եթե հաճեիք․․․ ես ցավում եմ արարքիս վրա և զղջացել եմ․․․ հաճեիք թույլ տալ, որ նշանակս հանվի, քանի դեռ տղաները չեն եկել․․․

Արդյոք մր․ Կրիկլը իրոք ուզում էր վրաս հարձակվել, թե ուզում էր միայն վախեցնել ինձ, չգիտեմ․ բայց նա հանկարծ բազկաթոռից վեր ցատկեց, իսկ ես նետի նման դուրս թռա և միայն ննջարանումս կանգ առա, ուր անմիջապես անկողնու մեջ խրվելով, մոտ երկու ժամ դողացի։

Հետևայլ առավոտյան հայտնվեց մր․ Չարպը։ Մր․ Չարպը մր․ Կրիկլի օգնականն էր և մր Մելլի ավագը։ Մր․ Մելլը աշակերտների հետ էր ճաշում և ընթրում, իսկ մր․ Չարպը սեղանակից էր մր․ Կրիկլին։ Նա մի թուլակազմ ջենտլմեն էր՝ մեծ քթով, և սովոր միշտ մի կողմ թեքելու գլուխը, որ կարծես անչափ ծանր էր իր համար։ Մազերը հարթ էին և ալեձև․ սակայն հենց առաջին վերադարձող աշակերտը հայտնեց ինձ, թե մր․ Չարպը կեղծամ է կրում (այն էլ ուրիշից առնված) և ամեն շաբաթ երեկո կանոնավորապես նորոգում է և մազերը գանգրացնել է տալիս։

Հատկապես Թոմ Տրեդլս աշակերտն էր, որ այս տեղեկությունն ինձ տվեց։ Նա առաջինն էր վերադարձել։ Նա ինքն ինձ հետ ծանոթացավ, ասելով թե իր անունը կարող եմ գտնել դրսի դռան աջակողմյան անկյունում, նիգից վեր։

― Ուրեմն դո՞ւք եք Տրելդսը, ― ասացի ես։

― Ես ինքս, ― պատասխանեց նա, և իսկույն ամեն տեսակ բաներ հարցրեց իմ անձի և մեր գերդաստանի մասին։

Ինձ համար բարի պատահմունք էր, որ ետ եկող աշակերտներից առաջինը հատկապես Տրեդլսն է։ Նա շատ զվարճացավ իմ նշանակը տեսնելով, և ազատեց ինձ դրան թաքցնելու կամ ցույց տալու նեղությունից, որովհետև հենց որ աշակերտները գալիս էին, մեծ լինեին թե փոքր, նա իսկույն կանչում էր նրանց և ասում․ «Տեսեք, տեսեք, ինչ խաղ է»։ Իմ բախտից՝ տանից եկող աշակերտների մեծ մասը տրտում էր և այնքան տրամադիր չէր ծաղր ու կատակ անելու, ինչքան որ սպասում էի։ Սակայն ոմանք վայրենի հնդիկների նման պար էին գալիս իմ շուրջը և չկարողանալով դիմադրել ինձ շուն երևակայելու փորձությանը, շոյում էին ինձ, որ չկծեմ, և ասում․ «Կուշ, Կաստոր»։ Հարկավ այս բոլորը շատ վշտացնում էր ինձ ու շատ արտասուք պատճառում․ սակայն ընդհանրապես իմ սպասածի չափ վատ չէր։

Այն օրից սկսեցին ինձ բուն աշակերտ համարել, երբ որ եկավ Ջ․ Ստիրֆորթը։ Նա վեց տարով ինձնից մեծ, շատ գեղեցիկ պատանի էր, որ մեծ գիտականի հռչակ ուներ վարժարանում։ Ինձ տարան նրա մոտ, իբրև մի իսկական դատավորի մոտ․ նա ընդունեց ինձ բակում գտնվող մի հովանու տակ և պատժիս հանգամանքները մանրամասն հարցնելուց հետո հաճեցավ վճռել․ «Սատանան էլ այդպիսի պատիժ չէր հնարի», ― մի վճիռ, որի համար ես հավիտյան շնորհապարտ եմ նրան։

Այնուհետև նա զբոսնելով մի կողմ տարավ ինձ և հարցրեց․

― Որքա՞ն փող ունես, Կոպպերֆիլդ։

― Յոթ շիլլինգ։

― Լավ կանես, որ այդ փողը ինձ տաս պահելու, ― ասաց նա։ ― Սակայն, եթե միայն կամենաս․ իսկ եթե ոչ, կարող ես չտալ։

Իսկույն փութացի կատարել այդ մտերմական առաջարկությունը և Պեգգոտիի քսակը բանալով, բոլոր փողերս Ստիրֆորթի ափի մեջ պարպեցի։

― Գուցե կուզենայիք հենց այժմ մի բան գնել, ― հարցրեց նա։

― Ոչ, շնորհակալ եմ, ― պատասխանեցի ես։

― Բան գնելը դա շատ հեշտ է, գիտե՞ս, ― ասաց Ստիրֆորթը։ ― Միայն ասա, թե ինչ ես ուզում։

― Ո՛չ, ո՛չ, շատ շնորհակալ եմ, սըր, ― կրկնեցի ես։

― Գուցե կուզենայիք մի կամ երկու շիլինգի կասիս[9] գնել և ձեռաց պարպել երեկոյան ննջարանում, ― ասաց Ստիրֆորթը․ ― Դու, կարծեմ, իմ սրահում պիտի քնես։

Այդպիսի բան մտքովս էլ երբեք չէր անցել, բայց և այնպես ասացի․

― Այո՛, կուզենայի։

― Շատ լավ, ― գոչեց Ստիրդորթը։ ― Գուցե կուզենայիք մեկ շիլինգ էլ ծախսել նշի կարկանդակներ գնելու համար։

― Այո, այդ էլ կուզենայի։

― Մեկն էլ գուցե բիսկվիտ և կամ միրգ առնելու համա՞ր, ― ասաց Ստիրֆորթը։ ― Չէ՞ որ փողերդ կբավեն։

Ես ժպտացի, որովհետև նա ժպտաց, սակայն զգում էի, որ շփոթված եմ։

― Լավ ուրեմն, ― ասաց Ստիրֆորթը։ ― Կաշխատենք ամեն բան առնել այս փողով․ գլխավորն այդ է։ Ես պատրաստ եմ ամեն բան անել քեզ համար։ Ես երբ էլ կամենամ կարող եմ դուրս գալ, և այդ բոլորը թաքուն ներս կսլլեցնեմ։

Այս ասելով նա գրպանը դրեց փողերս և մտերմաբար ասաց, որ միամիտ լինեմ․ նա կհոգա, ինչ֊որ պետք է, և ամեն բան լավ կլինի։

Նա իր խոսքը կատարեց և ամեն բան լավ արեց, եթե միայն լավ էր այն, ինչ֊որ ծածուկ զգում էի, թե վատ է, որովհետև մորս երկուևկես կրոնը վատնվել էր։ Բարեբախտաբար ես պահեցի գոնե այն թղթի կտորը, որի մեջ նրանք փաթաթված էին․ թանկագին խնայողություն։ Երբ որ երեկոյան ննջարան բարձրացանք, Ստիրֆորթը հանեց իմ բոլոր յոթ շիլինգով գնած պաշարը և մի առ մի շարելով լուսափայլ անկողնուս վրա, ասաց․

― Ահա քեզ փառավոր խնջույք, Կոպպերֆիլդ։ ― Դե հարգիր մեզ։

Հասակիս նայելով ինձ ամոթ էր թամադայի պաշտոն հանձն առնել, քանի որ ներկա էր Ստիրֆորթը․ այդ մասին մտածելիս անգամ դողում էի։ Ես խնդրեցի նրան, որ նա ինքը մեզ հարգելու շնորհ անի, և որովհետև ննջարանի մյուս տղաներն էլ առաջարկս կրկնեցին, նա զիջեց և մեր խնդիրը ընդունեց։ Այնուհետև նա բարձիս վրա նստած՝ սկսեց ուտելիքը բաժանել մեզ, պետք է ասել՝ լիակատար արդարությամբ և կասիս մատռվակել մի փոքրիկ անոտ գավաթով, որ իր հատուկ սեփականությունն էր։ Ես նստած էի նրա ձախ կողմը, իսկ մյուսները մեր շուրջը՝ մերձավոր անկողինների և կամ թե հատակի վրա։

Որքա՜ն լավ եմ մտաբերում այդ երեկույթը և մեր կիսաձայն խոսակցությունը և կամ՝ նրանց զրույցները և իմ մնջիկ ունկնդրությունը․ մտաբերում ննջարանի պատուհանից ներս նայող լուսնի ցոլմունքը և ապակիների թեթև փայլը հատակի վրա․ մեզ շրջապատող ստվերը և երբեմն, երբ պետք էր լինում որևէ բան որոնել, Ստիրֆորթի վառած ֆոսֆորի լուցկիների կապույտ բոցը, նրանց բռնկելն ու մարելը․ իմ խորհրդավոր երկյուղը, մթության և մեր կոչունքի գաղտնության հետևանք և այն զսպված շշունջը, որով ասվում էր ամեն բան, և այն հանդիսավոր զգացումը, որով ականջ էի դնում ընկերներիս պատմածին, և ուրախությունս, որ մենակ չեմ, և այն սարսափը, որ տիրեց ինձ (թեև փորձում էի ժպիտ ցույց տալ), երբ հանկարծ Տրեդլսն ասաց, թե ուրվական է տեսնում անկյունում։

Շատ բաներ լսեցի պանսիոնի և դրա բնակիչների մասին։ Լսեցի, թե մր․ Կրիկլն իրավամբ է թաթար անվանում ինքն իրեն․ թե նա բոլոր ուսուցիչներից ամենախիստն ու դաժանն է, թե նա ամեն օր հարձակվում է աշակերտների վրա և անգթաբար հարվածներ տալիս աջ ու ձախ, թե նա ծեծելուց բացի, ոչինչ չգիտե, և թե (Ջոն Ստրիֆորթի ասելով) հետին աշակերտից էլ տգետ է․ թե նա մի քանի տարի առաջ գայլիկոն վաճառող խանութպան է եղել Լոնդոնի մի աննշան շուկայում, և թե այդ առևտրի մեջ սնանկություն կրելուվ և մրս․ Կրիկլի կարողությունը վատնելուց հետո է դպրոց հիմնել՝ իր գործերն ուղղելու համար։ Այսպիսի և սրանց նման ուրիշ շատ բան էլ լսեցի աշակերտներից, զարմանալով, թե որտեղից են այդ բոլորն իմացել։

Լսեցի, թե փայտոտանին, որի անունը Տեոնգե էր, մի վայրագ բարբարոս է եղել, որ առաջ ծառայել էր մր․ Կրիկլի գայլիկոնի առևտրում և այս ծառայության մեջ ոտքը կոտրելուց հետո նրա հետ միասին մանկավարժական ասպարեզ է մուտք գործել։ Տղաների ասելով՝ նա շատ ստորություններ է արել մր․ Կրիկլի համար և նրա բոլոր գաղտնի գործերը իմացել է։ Լսեցի, թե Տեոնգեն, բացի մր․ Կրիկլից, ամբողջ պանսիոնը, վարժապետներով ու աշակերտներով միասին, իրեն անձնական թշնամին է համարում, և թե նրա միակ հաճույքը ամենքի հետ դժնդակ ու չար լինելն է։ Լսեցի, թե մր․ Կրիկլն ունեցել է մի որդի, որ հաշտ չի եղել Տեոնգեի հետ, և օգնել է հորը դպրոցական գործերում։ Այս որդին մի օր սաստիկ հանդիմանել է հոր տմարդի ընթացքն աշակերտների հետ, և բացի այդ, ասածներին նայելով, բողոքել է հոր վարմունքի դեմ մոր հետ։ Այս պատճառով մր․ Կրիկլը նրան տանից վռնդել է, և այն օրից է, որ մրս․ և միս Կրիկլը տխուր են։

Սակայն իմ լսած բաների մեջ ամենից ավելի զարմանալին այն էր, թե ամբողջ Սալեմ Հաուսում միայն մի աշակերտ կար, որին մր․ Կրիկլը ոչ մի անգամ չի համարձակվել ձեռքով դիպչել, և թե այդ աշակերտը Ջեյմս Ստրիֆորթն է։ Եվ երբ մի համեստ տղա (ոչ ես) հարցրեց նրան, թե ի՞նչ կանի նա, եթե մր․ Կրիկլն իրոք ուզենա ծեծել նրան, ― Ստիրֆորթը մի լուցկի վառեց իր պատասխանին փայլ տալու համար և ասաց․

― Ես թանաքի շիշը նրա ճակատին կշպրտեմ։ Այդ կլինի առաջին գործս։

Այդ լսելով, մենք շունչներս բռնած լուռ մնացինք մի քանի վայրկյան։

Լսեցի նմանապես, որ մր․ Չարպի և մր․ Մելլի ստացած ռոճիկը մի ողորմելի բան է, և թե ամեն անգամ, երբ մր․ Կրիկլի սեղանի վրա տաք ու սառ խորոված են պտտեցնում, մր․ Չարպը սովոր է ասել, թե նա սառն է նախապատիվ համարում։ Այդ էլ հաստատեց Ստիրֆորթը, որ տեսչի մոտ ճաշող միակ աշակերտն էր։ Լսեցի նաև, որ մր․ Չարպի կեղծամը հարմար չի գալիս գլխին, և թե նա զուր է պարծենում․ մեկն ասած «զուր է պճնվում» այդ կեղծամով, որովհետև իր կարմիր մազերը միշտ տակից երևում են։

Լսեցի, թե աշակերտներից մեկը, որ ածխավաճառի որդի էր, ի հաշիվ ածխի է վարժարան ընդունվել․ դրա համար էլ նրան անվանել են «փոխանակություն», մի անուն որ առնված է թվաբանության դասագրքի այդ նյութի մասին խոսող հատվածից։ Լսեցի, թե ճաշին գործածվող գարեջուրը ծնողներից բռնի առնված մի հարկ է կամ գողություն, ինչպես և պուդինգը։ Լսեցի, թե միս Կրիկլը ամբողջ պանսիոնի կարծիքով սիրում է Ստիրֆորթին, և ես շատ հավանական գտա այդ, որովհետև Ստիրֆորթն իրոք մի գեղեցիկ պատանի էր՝ սիրուն դեմքով, գրավիչ ձայնով, վայելուչ ձևերով և շքեղ գանգուրներով։ Իմացա նունպես, թե մր․ Մելլը շատ բարի մարդ է, բայց ոչ մի կոպեկ փող չունի, իսկ նրա մայրը՝ հետին չքավոր է։ Այս լսելիս հիշեցի իմ նախաճաշիկը և նրա «Չարլիկ իմ» խոսքերը, և գոհ եմ այժմ, որ այս մասին ոչ ոքի բան չասացի։

Այս և սրան նման զրույցները խնջույքից հետո էլ մի քանի ժամանակ տևեցին։ Հյուրերից շատերը կերուխումը վերջացնելուն պես գնացել էին քնելու․ մնացողներս էլ դեռ շարունակում էինք, արդեն կիսամերկ շշնջալ և ականջ դնել։

― Բարի գիշեր, փոքրիկ Կոպպերֆիլդ, ― ասաց վերջապես Ստիրֆորթը։ ― Վստահ եղիր, դու իմ հովանավորության տակ կլինես։

― Օ՜հ, դուք շատ բարի եք, ― պատասխանեցի ես շնորհակալ սրտով։ ― Ես ձեզ շատ և շատ պարտական եմ։

― Քույր ունե՞ս դու, ― հարցրեց Ստիրֆորդը հորանջելով։

― Ո՛չ։

― Ափսոս։ Եթե ունենայիր, հավաստի եմ, որ նա մի սիրուն, հեզիկ ու վառվռուն աչքերով նազելի աղջիկ կլիներ, ես էլ սիրով կծանոթանայի նրա հետ։ Բարի գիշեր, Կոպպերֆիլդ։

― Բարի գիշեր, սըր։

Ես դեռ երկար մտածում էի նրա մասին անկողնուս մեջ և հիշում եմ, որ մի անգամ էլ բարձրացա նայելու նրան․ նա պառկած էր լուսնի լույսի մեջ, սիրուն երեսը դեպի վեր դարձրած և գլուխը բազկին թեթև հենած։ Իմ կարծիքով նա մի հզոր անձնավորություն էր․ հարկավ այս էր պատճառը, որ իմ միտքը նրանով էր շարունակ զբաղված։ Լուսնի աղոտ շողերի մեջ դեռ չէր երևում նրա անորոշ ապագան, և ոչ մի ստվեր չէր մթնեցնում այն շավիղը, որի վրա նրա հետ միասին զբոսնում էի երազում։


Է․ գլուխ

Իմ առաջին կիսամյակը Սալեմ Հաուսում


Հետևյալ օրն իսկ ուսումը կանոնավոր սկսվեց։ Խոր տպավորություն թողեց վրաս աղմկալի ձայներին հանկարծ հաջորդող այն գերեզմանային լռությունը, որ տիրեց բոլորիս, երբ նախաճաշից հետո մր․ Կրիկլը դասարան մտավ և դռան մոտ կանգնեց, առասպելական հրեշի նման աչքի անցնելով իր գերիներին։

Տեոնգեն կանգ առավ նրա թևի հետևը։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ նա ահեղ ձայնով «լռություն» գոռաց, քանի որ ամենքս քարի պես մունջ էինք ու անշարժ։

Ահա մր․ Կրիկլը շրթունքը շարժեց, և մենք լսեցինք Տեոնգեին, որ հետևյալն ասաց․

― Դե՜ տղաներ․ ահա նոր կիսամյակը եկավ։ Հետամուտ եղեք ձեր գործին․ ժիր֊ժիր սերտեցեք ձեր դասերը և մի՛ ծուլանաք, եթե ոչ ես էլ ժիր֊ժիր կպատժեմ ձեզ։ Ես չեմ ծուլանա այդ բանում։ Որքան էլ ձեր մարմինը քերեք, զարկերիս հետքը չեք ջնջի։ Դե ուրեմն, սկսեցեք։

Այս սոսկալի առաջաբանից հետո Տեոնգեն անհետացավ, իսկ մր․ Կրիկլը մոտեցավ ինձ և ասաց․ որ եթե ես լավ կծող եմ, նա էլ վարպետ կծող է։ Հետո վերցրեց իր ճիպոտը և այսպես շարունակեց։


― Ի՞նչ կասես այս ճիպոտին, հը՞։ Լա՞վ ատամներ ունի, հը՞։ Սո՞ւր ատամներ, հը՞։ Լավ կծեց, հը՞։ Լավ կծեց, հը՞։

Յուրաքանչյուր հարցման հետ նա ճիպոտով զարկում էր մարմնիս, և ես գալարվում էի սաստիկ ցավից։ Այսպես ուրեմն շատ շուտ ստացա Սալեմ Հաուսի անդամ լինելու պատիվը (ինչպես ասաց Ստիրֆորթը), բայց շատ էլ արտասուք թափել տվեց ինձ այդ պատիվը։

Սակայն սխալ կլինի, եթե ասեմ, թե ես էի միայն այդ պատիվն ընդունողը։ Ընդհակառակը՝ աշակերտների մեծ մասը (մանավանդ փոքրերից) ուշադրության միևնույն նշաններին արժանացան, երբ մր․ Կրիկլը սկսեց պտույտներ անել դասարանում։ Դեռ օրվա զբաղմունքն սկսելուց առաջ, վարժարանի կեսը լաց էր լինում ու կծկվում․ իսկ մի քանիսը լացեցին ու կուչ եկան մինչև դասերի վերջանալը, ― այս մասին լավ է՝ լռեմ, որ խոսքերս ծայրահեղ չհամարվեն։

Անտարակույս աշխարհիս երեսին ոչ մի մարդ այն աստիճան իր պաշտոնը չի սիրել, որքան սիրում էր մր․ Կիրկլը։ Աշակերտներին ծեծելուց ու չարչարելուց նա նույնքան զվարճություն էր զգում, որքան զգում է սովալլուկ թշվառը բան ուտելուց։ Չէր կարող նա դիմադրել մանավանդ մի առողջ մանուկ պատժելու տենչին և չէր կարող հանգստանալ, մինչև որ ամբողջ օրվա համար նշան չգծեր նրա կլորակ թշերի վրա։ Ես ինքս մի կարմրաթշիկ մանուկ էի և փորձով գիտեմ, թե ինչ եմ ասում։ Դեռ այսօր անաչառ բարկությունից ամբողջ արյունս եռ է գալիս, երբ հիշում եմ այդ տգետ անասունին, որ նույնքան էր ընդունակ իր ստանձնած սուրբ պաշտոնը վարելու, որքան և Նորին Մեծության առաջին ծովակալը և կամ զորքի սպարապետը լինելու։ Այս պաշտոնների մեջ նա գուցե հազար անգամ պակաս չարիք հասցներ, քան մանկավարժական ասպարեզում։

Եվ մենք, այդ անխիղճ կուռքի փոքրիկ զոհերս, որքա՞ն էինք նվաստանում նրա առջև։ Ո՞ր աստիճան եղկելի բան է, մտածում եմ այժմ, դեռ կյանքի ասպարեզը չմտած՝ սովորել սողալ և ստորանալ մի այդպիսի գարշ արարածի առջև։

Ահա դարձյալ նստած եմ սեղանիս առջև, նրա աչքերը դիտելով, ստրկաբար դիտելով, մինչ նա տողում է մի ուրիշ աշակերտի թվաբանության տետրակը, մի զոհի, որի մատները փոքր֊ինչ առաջ միևնույն քանոնով դաղվել էին և որ այժմ թաշկինակ է դրել մատներին, որպեսզի նրանց կսկիծն ամոքի։ Ես շատ բան ունեմ անելու։ Ծուլությունից չէ, որ նայում եմ մր․ Կրիկլի աչքերին, այլ նայում եմ, որովհետև նրանք բուռն ուժով քաշում են ինձ, և ես մի անդիմադրելի կարիք եմ զգում իմանալու, թե հաջորդ վայրկյանին նա ի՞նչ կանի և ո՞ւմ կպատժի․ ի՞նձ, թե՞ ուրիշ աշակերտի։ Հետևս նստած փոքրիկ տղաները դիտում են նրան միևնույն տագնապով, և նա գիտի այդ, թեև անպես է ձևանում, իբր թե չգիտի։ Տետրը գծելիս նա դեմքը ծռմռում է և հանկարծ մի կողմնակի հայացք նետում մեր շարքի վրա, և մենք բոլորս խորասուզվում ենք գրքերի մեջ և բոլորս դողում։ Մի վայրկյան անցնելուց հետո մեր աչքերը նորից նրա վրա են բևեռվում։ Մի անբախտ աշակերտ, որ իր խնդիրը վատ էր լուծել, նրա հրամանով մոտենում է ամբիոնին։ Հանցավորը ներողություն է խնդրում, խոստանալով թե հետևյալ օրը լավ կպատրաստի խնդիրը։ Մր․ Կրիկլը, դեռ նրան հարված տալուց առաջ, մի ինչ֊որ կատակ է անում, և մենք թշվառ էակներս ծիծաղում ենք, ծիծաղում, չնայելով, որ մեր դեմքերը մեռելի գույն են ստացել, և լեղիներս պատռելու վրա են։

Դարձյալ նստած եմ սեղանիս առջև երեկոյան դեմ, ամառվա տոթին։ Աշակերտներն այնպես են բզզում ու տզզում իմ շուրջը, որ կարծես թե ճանճեր լինեն։ Մի երկու ժամ առաջ մեզ տրված գաղջ կերակրի անախորժ ճարպը դեռ սրտիս վրա նստած է, և գլուխս կապարի պես ծանրացել է։ Ինչ ասես որ չէի տա, միայն թե կարողանայի մի քիչ քնել։ Նստած նայում եմ մր․ Կրիկլին, նիրհոտ աչքերս բվի ձագի նման թարթափելով, և ինձ թվում է, թե նա մշուշով պատած դեռ շարունակում է տողերը գծել․ բայց ահա նա հանկարծ վեր է կենում, թաքուն֊թաքուն մոտենում է, և նրա ճիպոտի մի հարվածը թմրությունից դեպի արթունություն է կոչում ինձ։

Դասերը վերջացան, և մենք բակումն ենք․ սակայն իմ աչքերը դեռ դյութված են նրանով, թեպետ չեմ կարող տեսնել նրան։ Ես գիտեմ, որ նա այժմ իր սենյակում ճաշում է, և ակամա աչքերս ուղղում եմ դեպի այդ սենյակի պատուհանը։ Երբ նա անցնում է պատուհանի մոտով, իմ դեմքը աղերսական ու հլու արտահայտություն է ստանում․ իսկ հենց որ նա դուրս է նայում, ամենաքաջ աշակերտն անգամ (բացի Ստիրֆորթից) նույնիսկ զվարթ աղաղակի և կամ երգի մեջտեղում քարացածի պես կանգ է առնում և մի լուրջ փիլիսոփայի դիրք տալիս մարմնին։ Մի օր Տրեդլսը (աշխարհիս ամենաթշվառ պատանին) գնդակ խաղալիս պատահմամբ այդ պատուհանի ապակուն դիպցրեց և փշրեց։ Այս րոպեիս անգամ սարսռում եմ այդ սոսկալի դեպքը հիշելիս․ գնդակը կարող էր թռչելով դիպչել և նույնիսկ մր․ Կրիկլի սրբազան գլխին։

Խեղճ Տրեդլս։ Ահա նա իր երկնագույն նեղ բաճկոնով և նույն գույնի վարտիքով, որոնք գերմանական երշիկների ձև էին տալիս նրա թևերին ու սրունքներին։ Սալեմի դպրոցում նրանից ավելի առույգ ու զվարթ, բայց նրանից էլ անբախտ պատանի չկար։ Ամբողջ կիսամյակի ընթացքում ամեն օր ծեծում էին նրան ճիպոտով, բացի մի տոնից, երբ ճիպոտի փոխարեն միայն քանոնով հարված տվին ձեռքերին․ ամեն օր էլ նա պատրաստվում էր գանգատ գրել իր քեռուն, սակայն երբեք չէր գրում։ Գլուխը քարշ արած մի քանի րոպե տխուր նստում էր և ապա սկսում ծիծաղել ու կմախքներ գծել քարետախտակի վրա, մինչև որ աչքերի արտասուքը ցամաքեր։ Սկզբում ես չէի հասկանում, թե ինչ սփոփանք է տալիս նրան կմախքներ նկարելը, և որոշ ժամանակ նրան ճգնավոր էի համարում, որ այդ մահվան նշաններով ուզում է իրեն հիշեցնել, թե կյանքն այստեղ կարճատև է, ուրեմն և ճիպոտի գործածությունը մի վաղանցուկ բան։ Հետո միայն ստուգեցի, որ կմախքներ նկարելու միակ պատճառը այն հանգամանքն է եղել, որ դրանք հեշտ են նկարվում և հարդարանքի կարոտ չեն։

Պատվական տղա էր այդ Տրեդլսը․ նրա համոզումով իրար պաշտպանելը մի սրբազան պարտք էր աշակերտների համար։ Այսպես մի օր, երբ Ստիրֆորթը եկեղեցում ծիծաղեց, սպասավորը կարծելով, թե այդ անողը Տրեդլսն է, նրան դուրս արեց։ Խեղճը դուրս գնաց, ամբողջ ժողովրդի առջև անարգված։ Սակայան չասաց, թե ով էր իսկապես հանցավորը, թեև հետևյալ օրը նրան սաստիկ պատժեցին և բանտ նստեցրին, ուր նա մի քանի ժամվա ընթացքում իր լատիներեն բառագրքի բոլոր էջերը կմախքների գերեզմանոց դարձրեց։ Բայց այս անգամ վարձրատրություն էլ ստացավ․ Ստիրֆորթը հրապարակավ հանտնեց, թե Տրեդլսը քաջ տղա է։ Թեև ես ո՛չ Տրեդլսի հասակն ունեի, ո՛չ էլ նրա արիությունը, բայց ինչ ասես պատրաստ էի կրել՝ գովասանք ստանալու համար։

Ես հրճվում էի, երբ տեսնում էի Ստիրֆորթին միս Կրիկլի հետ միասին թև֊թևի տված եկեղեցի գնալիս։ Գեղեցկության կողմից միս Կրիկլը հարկավ չէր կարող փոքրիկ Էմլիին հավասարվել, և ես չէի սիրում նրան․ այդ համարձակությունը չունեի, բայց և այնպես նա շատ հրապուրիչ և ազնվական օրիորդ էր թվում ինձ։ Երբ Ստիրֆորթը սպիտակ անդրավարտիքով ման էր գալիս միս Կրիկլի հովանոցը ձեռքին բռնած, ես պարծենում էի, որ նա իմ բարեկամն է, և վստահ էի, որ օրիորդը չի կարող սրտանց չպաշտել նրան։ Իմ կարծիքով մր․ Չարպն էլ, մր․ Մելլն էլ նշանավոր անձինք էին, սակայն Ստիրֆորթը նրանց առջև նույնն էր, ինչպես արեգակն աստղերի առջև։

Ստիրֆորթը շարունակում էր հովանավորել ինձ և շատ օգտակար բարեկամ էր, որովհետև նրա օգնությանն արժանացող աշակերտին ոչ ոք չէր համարձակվում վշտացնել։ Հարկավ նա չէր կարող պաշտպանել ինձ մր․ Կրիկլից, որ շատ խիստ էր վարվում ինձ հետ, բայց երբ ես սովորականից սաստիկ էի պատժվում, նա ասում էր, թե ինձ պակասում է իր համարձակության մի մասը և թե իրեն գալով, նա երբեք թույլ չէր տա, որ իր հետ այդպես վարվեին․ սրանով կարծես կամենում էր սիրտ տալ ինձ, և, ես շատ շնորհակալ էի։ Մր․ Կրիկլի խստությունը միայն մի շահ բերեց ինձ, ինչքան որ գիտեմ՝ միայն մի շահ։ Մի օր նա, նստարանների միջև ետ ու առաջ գնալիս նկատեց, որ մեջքիս նշանակը խանգարում է նրան՝ անցնելիս հարվածել ինձ․ այս պատճառով նշանակը հանվեց, և ես այլևս չտեսա այն։

Մի պատահական հանգամանք այն աստիճան ամրացրեց Ստիրֆորդի և իմ մտերմության կապը, որ ես մեծ բավականություն ու հպարտություն զգացի, թեպետ այդ մտերմությունը երբեմն նեղում էր ինձ։ Մի օր, մինչ Ստիրֆորդը վեհանձնաբար խոսում էր ինձ հետ զբոսավայրում, ես համարձակվեցի նկատելու, թե ինչ֊որ բան կամ ինչ֊որ մարդ (լավ չեմ հիշում, թե ո՞ր բանը կամ մարդը) նմանություն ունի «Պերեգրին Պիկլի» այսինչ առարկայի կամ անձի հետ։ Նույն րոպեին Ստիրֆորդթը ոչինչ չասաց, սակայն երեկոյան, մեր ննջարան գնալու միջոցին, հարցրեց ինձ, թե արդյոք չունե՞մ այդ գիրքը։

Պատասխանեցի, թե ոչ, և պատմեցի նրան, թե ինչպես եմ կարդացել «Պերեգրին Պիկլը» և մյուս բոլոր գրքերը, որոնք հիշված են նախորդ էջերում։

― Եվ դու հիշո՞ւմ ես նրանց բովանդակությունը, ― հարցրեց Ստիրֆորդը։

― Այո, շատ լավ, ― պատասխանեցի ես։

Եվ իրավ, ես լավ հիշողություն ունեի և կարծում էի, թե կարդացած գրքերիցս և ոչ մեկը չեմ մոռացել։

― Եթե այդպես է, ― ասաց Ստիրֆորթը, ― դու այդ ամենը կպատմես ինձ։ Գիշերները ես ուշ եմ քնում, առավոտյան էլ սովոր եմ վաղ վերկենալ։ Մենք այդ բոլորը մի առ մի կանցնենք, և դա կլինի «Արաբական գիշերների» պես մի բան։

Այս առաջարկությունը վերին աստիճանի փաղաքշեց ինձ ու հրապուրեց, և մենք նույն երեկոյան ձեռնամուխ եղանք նրա իրագործմանը։ Թե պատմելիս որքա՞ն էի քանդում և այլանդակում հեղինակներիս վեպերը չեմ կարող ասել, չեմ էլ ուզում գիտենալ․ սակայն հոգով֊սրտով սիրում էի նրանց և ըստայնմ աշխատում ճիշտ կատարել իմ պարտքը։ Ինձ թվում էր, թե զուրկ չէի պարզ, կենդանի ու գրավիչ ոճով պատմելու շնորհից, և գործս լավ էր առաջ գնում։

Սակայն վատն այն էր, որ գիշերվա դեմ շատ անգամ քունս տանում էր և կամ թե բան պատմելու տրամադրություն չէի ունենում։ Այդպիսի դեպքերում պաշտոնս սաստիկ ծանրանում էր, բայց այնուամենայնիվ անհրաժեշտ էր, որ գործս կատարեմ, որովհետև անկարելի էր հուսախաբ անել և կամ վշտացնել Ստիրֆորթին։ Նմանապես և առավոտները շատ ախորժելի չէր քնատ վերկենալ զանգակից առաջ, այնինչ սաստիկ կցանկանայի դարձայլ մի ժամ հանգստանալ, և Ստիրֆորթի աննկուն կամքին հնազանդվելով, Շեհերազադե թագուհու նման մի երկար պատմություն սկսել․ բայց որովհետև դրա փոխարեն Ստիրֆորթը օգնում էր ինձ այն դասերս պատրաստելու, որոնք առանձին դժվարություն էին պատճառում ինձ, հետևաբար մեր տուրևառի մեջ ես ոչ մի կորուստ չէի կրում։ Սակայն թող ներվի ինձ վկայություն տալ արդարությանս մասին։ Ստիրֆորթի պահանջները կատարելիս՝ ես ոչ անձնական շահով էի առաջնորդվում, ոչ էլ վախի զգացումով։ Ես նրան սիրում ու հարգում էի, և նրա գովասանքը ինձ համար մի գերագույն հատուցում էր։ Ես այնքան էի գնահատում դրան, որ այսօր էլ սիրտս հուզվում է այդ դատարկ բաները հիշելիս։

Ստիրֆորթն էլ, պետք է ասել, ուշադիր էր դեպի ինձ, և մի օր մի այնպիսի ուրույն եղանակով ցույց տվեց այդ, որ չէր կարող շատ դուր գալ խեղճ Տրեդլսին և մյուս ընկերներիս։ Պեգգոտիի խոստացած նամակը, օ՜հ, ինչ պատվական նամակ էր, ստացել էի դեռ կիսամյակի սկզբին, հետն էլ մի կարկանդակ՝ նարինջների մեջ թաղված, և երկու շիշ օշարակ։ Ես պարտք համարեցի այս գանձերը Ստիրֆորթի ոտքի տակ դնել և խնդրել, որ բաժանի։

― Գիտե՞ս ինչ կասեմ, Կոպպերֆիլդ, ― ասաց նա։ ― Օշարակը կպահենք կոկորդ թրջելու համար, երբ որ դու վեպեր պատմելու լինես։

Ես կարմրեցի այդ լսելիս և համեստաբար խնդրեցի նրան անհոգ լինել իմ մասին։ Բայց նա ասաց, թե պատմելու ժամանակ ձայնս կերկեր կամ խռպոտ է դուրս գալիս, և թե օշարակը մինչև վերջին կաթիլը կոկորդս թրջելուն պետք է ծառայի։ Այս պատճառով նա շշերը իր սնդուկը դրեց, որոնց միջից մաս֊մաս ածում էր իր սրվակի մեջ և ապա կաթիլ֊կաթիլ խմեցնում ինձ փետուրի միջով, երբ պետք էր դատում կազդուրել ինձ։ Երբեմն էլ այս դարմանը ավելի ազդու անելու համար՝ մեջը կաթեցնում էր նարնջի կամ զեբջեֆիլի կամ թե անանուխի հյութ․ և թեպետ չի կարելի ասել, թե այս փորձերից հեղուկի համն ազնվանում էր, և կամ ուժեղանում, թե քնելուց առաջ ու զարթնելուց հետո միշտ սյդպիսի խմիչք ընդունելը ստամոսի համար շատ օգտակար էր, բայց և այնպես ջերմ գոհությամբ կուլ էի տալիս և սրտանց շնորհակալ էի իմ խնամակալ Ստիրֆորթին։

Պերեգրինի արկածները պատմելու համար կարծեմ ամիսներ պետք եղան, իսկ մյուսների պատմությունը ավելի երկար տևեց։ Կարող եմ ասել, որ եթե պատմությունս երբեմն ընդհատվում էր, բնավ նյութերի պակասությունից չէր լինում, այդ֊իսկ օշարակը միայն այն ժամանակ վերջացավ, երբ վերջացավ և վերջին վեպը։ Պատմելուս միջոցին խեղճ Տրեդլսը երբեք չէր կարողանում հիշել նրան և միաժամանակ թե՛ ծիծաղելու և թե՛ լալու տարօրինակ հակում չզգալ․ հունաց ողբերգության պարի պաշտոն էր կատարում, մեկ ծիծաղից թուլանալով զվարճալի տեղերում, մեկ էլ ահից սարսռելով այն րոպոին, երբ արկածը մի վտանգավոր կերպարանք էր ստանում։ Այս բոլորը շատ անգամ շփոթում էր պատմությանս ընթացքը։ Սակայն իր ասելով այդ ամենը կատակ էր։ Մի անգամ էլ, երբ ես իսպանական Ալգունզիլի արկածն էի պատմում «Ժիլ Բլա»֊ից, Տրեդլսը սկսեց իբր թե ահից ատամները կրճտացնել, իսկ երբ Ժիլ Բլան և ավազակների գնդապետը Մադրիդում իրար հանդիպեցին, նա մի այնպես սարսափելի ճիչ արձակեց, որ նույն րոպեին նրբանցքով անցնող մր․ Կրիկլը լսեց նրան, և հենց այդ երեկո Տրեդլսը սաստիկ ծեծ կերավ ննջարանի խաղաղությունը վրդովելու համար։

Ի բնե ռոմանտիկ ու ցնորական երևակայությունս անչափ զարգացավ գիշերային մթության մեջ պատմած վեպերիս շնորհիվ, ուստի և չեմ կարծում, որ նրանք ինձ մի էական օգուտ տված լինեն։ Սակայն աշակերտները սիրում էին ինձ, իբրև մի զվարճարար խաղալիք, և պատմելու շնորհիս հռչակն արագ տարածվում էր դպրոցի մեջ և ընդանուր ուշադրության առարկա անում իմ անձը, չնայելով որ տարիքով ես ամենից փոքրն էի։ Այդ բոլորը դրդում էր ինձ փութաջան լինել և առաջադեմ։

Չեմ կարծում, որ կարելի լինի շատ բան սովորել մի այնպիսի դպրոցի մեջ, որ միայն բարբարոսական խստությամբ է կառավարվում, ով էլ լիներ նրա տեսուչը՝ մի խելոք մարդ, թե հիմար։ Սալեմ Հաուսի աշակերտներն ընդհանրապես տգետ էին․ ուսանելու եռանդը նրանց մեջ մարել էր անվերջ ծեծի ու լլկանքի պատճառով, և նրանք չէին կարող առաջ գնալ, ինչպես չի կարող առաջ գնալ այն մարդը, որ իր կյանքի մեջ միայն տառապանք ու հալածանք է կրում։ Սակայն իմ փոքրիկ սնապարծությունը, Ստիրֆորթից օգնություն գտնելով, փոքր ի շատե մղում էր ինձ դեպի ուսում, և թեպետ պատիժներից շատ չէր ազատում, բայց գոնե ստիպում էր ինձ, քանի որ Սալեմում էի, բարձրանալ ընդհանուր մակարդակից։ Այս էր պատճառը, որ ես կարողացա գիտության գեթ հատ ու կտոր փշրանքներ ձեռք բերել։

Այս բանում Ստիրֆորթից բացի, ինձ նպաստում էր և մր․ Մելլը, որի սերը դեպի ինձ միշտ շնորհակալությմաբ պիտի հիշեմ։ Ցավ էր ինձ տեսնել, որ Ստիրֆորթն արհամարհում էր այդ մարդուն և երբեք առիթ չէր փախցնում վիրավորելու նրա զգացմունքը՝ կամ անձամբ և կամ թե ուրիշների ձեռքով։ Այդ ինձ սաստիկ տանջում էր, մանավանդ որ ես, ― չկարողանալով բան թաքցնել Ստիրֆորթից, ինչպես որ անկարող էի չբաժանել նրա հետ որևէ կարկանդակ և կամ մի ուրիշ անուշեղեն, ― մտերմաբար պատմել էի նրան այն երկու պառավների մասին, որոնց մոտ տարել էր ինձ մր․ Մելլը։ Այժմ վախենում էի, թե Ստիրֆորթը հրապարակ կհանի գաղտնիքս և մր․ Մելլին ծաղրելու զենք կդարձնի։

Ո՞վ կմտածեր այն առաջին առավոտը, ― երբ նախաճաշ վայելեցի և քուն եղա սիրամարգի փետուրների հովանու տակ, սրնգի նվագը լսելով, ― թե ինչ հետևանքներ կունենա իմ հյուրասիրվելն այն թշվառ, անշուք տնակում։ Սակայն անսպասելի և շատ ծանր հետևանքներ ունեցավ։

Մի օր մր․ Կրիկլը, տկարության պատճառով, իր սենյակում պիտի մնար։ Բնական է, որ այս դեպքն ուրախացներ աշակերտներին և ցնծության աղմուկ հաներ սերտարանում։ Խնդությունից իրար անցնող մանուկներին կարգի բերելը հեշտ բան չէր, և թեպետ ահեղ Տեոնգեն երկու անգամ ներս մտավ և ամենաչարերի անունը գրեց, բայց այս բանը տղաների վրա մի առանձին ազդեցություն չունեցավ․ նրանք գիտեին, որ ինչ էլ անեն, հետևյալ օրը պիտի պատժվեին․ ուրեմն, լավ էր գոնե այսօր զվարճանալ։

Օրը շաբաթ էր, և մեր դասերը մինչև կեսօր տևեցին։ Այնուհետև, սովորության համաձայն, մենք պետք է ազատ լինեինք և խաղայինք բակում, բայց որպեսզի մեր ձայներով մր․ Կրիկլին անհանգիստ չանենք, մեզ հրամայեցին մինչև երեկո սերտարանում մնալ ու թեթև դասերով պարապել։ Որովհետև այդ օրը շաբաթ էր, մր․ Չարպը գնացել էր իր կեղծամը կոկել տալու, իսկ աշակերտների վրա հսկելու պարտքը թողել էին մր․ Մելլին, դժվար գործերը սովորաբար միշտ նրան էին վիճակվում։

Եթե կարելի լիներ ցուլի և կամ արջի հետ համեմատել մր․ Մելլի պես հեզ մարդուն, ես կասեի, թե այն օրվա գոռում֊գոչումի ժամանակ նա հազար շներով հալածված արջի կամ ցուլի նման էր։ Հիշում եմ, թե ինչպես նա շշմած գլուխը աջ ձեռքին դեմ տված՝ անասելի ճիգ թափելով, աշխատում էր ամբիոնի վրայից առաջ տանել իր պաշտոնի ծանր գործը՝ այն սոսկալի ժխորի մեջ, որ կարող էր անգամ Ստորին Պալատի նախագահին խելագարության հասցնել։ Բոլոր տղաներն իրենց տեղերից դուրս էին թռել։ Ոմանք ցատկում էին, ոմանք տրոփում, ոմանք պարում, ոմանք երգում, ոմանք սուլում, ոմանք ոռնում կամ թե ճվում․ մի քանիսն էլ նրա շուրջը ոստոստելով ու կայթելով, հեգնում էին նրան առջևից ու հետևից, ծաղրում նրա չքավորությունը, ծիծաղում նրա կոշիկների վրա, նրա զգեստի, նրա մոր և վերջապես նրա վերաբերյալ ամեն բանի, որից պետք էր պատկառել։

― Լռություն, ― գոչեց մր․ Մելլը, հանկարծակի վեր կենալով, և սկեսց ձեռքի գրքով ամբիոնը բախել։ ― Ի՞նչ անուն տամ ձեր արարքին։ Անկարելի է համբերել դրան։ Մարդ կարող է խելքը թռցնել ձեր ձեռքից։ Ի՞նչու եք ինձ հետ այդպես վարվում, ա՜յ տղաներ։

Նա իմ գրքով էր ամբիոնը ծեծում։ Ես կագնած էի նրա մոտ և տեսա, որ երբ շուրջը նայեց, բոլոր տղաները միանգամից լռեցին՝ ոմանք ահից, ոմանք էլ գուցե զղջալուց։

Ստիրֆորթի նստարանը երկար սենյակի հակառակ կողմն էր։ Նա կանգնած էր մեջքը պատին դեմ տված, ձեռքերը գրպանները դրած, և երբ մր․ Մելլը նրա վրա էր նայում, նա սուլելու ձև էր տալիս շրթունքներին։

― Լռություն, մր․ Ստիրֆորթ։

― Ինքներդ լռեցեք, ― ասաց Ստիրֆորթը, բոլորովին կարմրելով։ ― Այդ ո՞ւմն եք հրաման տալիս։

― Նստեցեք, ― ասաց մր․ Մելլը։

― Ինքներդ նստեցեք, ― պատասխանեց Ստիրֆորթը, ― և ձեր գործը տեսեք։

Հավանության շշուկ և նույնիսկ մի թեթև ծափահարություն լսվեց․ սակայն մր․ Մելլն այն աստիճան սփրթնել էր, որ անմիջապես լռություն տիրեց․ և մի աշակերտ, որ վազել֊կանգնել էր նրա հետևը՝ նորից նրա մորը կերպարանելու համար, նույն րոպեին միտքը փոխեց և ձևացրեց թե գրիչ է սրում։

― Եթե կարծում եք, Ստիրֆորթ, ― ասաց մր․ Մելլը, ― թե ինձ անհայտ է այն ազդեցությունը, որ դուք բանեցնում եք այստեղ ամենքի վրա, շատ եք սխալվում։

Այս ասելիս մր․ Մելլը, երևի թե պատահմամբ գլխիս դրեց իր ձեռքը։

― Չարաչար սխալվում եք, ― շարունակեց նա, ― եթե կարծում եք, որ չեմ նկատում, թե ինչպես եք դրդում ձեր փոքր ընկերներին ամեն տեսակ վիրավորանք հասցնել ինձ։

― Ձեր վրա մտածելու նեղություն անգամ չեմ ուզում քաշել, ― ասաց Ստիրֆորթը սառնությամբ, ― ուրեմն և սխալվել էլ չեմ կարող ձեր մասին։

― Եվ եթե դուք, ― առաջ տարավ մր․ Մելլը սաստիկ դողացող շրթունքով, ― օգուտ եք քաղում ձեր արտոնյալ դրությունից մի ջենտլմենի նախատելու համար․․․

― Մի ի՞նչ։ Ո՞վ է այդ ջենտլմենը, ― գոչեց Ստիրֆորթը։

Այդ վայրկյանին մեկն աղաղակեց․ «Բավական է։ Ամոթ քեզ, Ստիրֆորթ»։ Դա Տրեդլսն էր, որին մր․ Մելլը իսկույն ևեթ հրամայեց լռել։

― Եթե համարձակվում եք մի ջենտլմենի նախատել, որն անբախտ է, որ երբեք ձեզ չի վնասել և որին դուք չպիտի նախատեք շատ ու շատ պատճառներով, որոնք կարծեմ, հասկանալի պիտի լինեն ձեր հասակի ու խելքի պատանուն, ― շարունակեց մր․ Մելլը ավելի դողդոջուն ձայնով, ― ուրեմն ձեր արածը մի անարգ, վատթար և ցած բան է։ Այժմ, սըր, կարող եք նստել և կամ թե կանգնած մնալ, ինչպես կամենաք։ ― Կոպպերֆիլդ, շարունակեցեք։

― Սպասի՛ր, Կոպպերֆի՛լդ, ― ասաց Ստիրֆորթը, սերտարանի մեջտեղը կանգնելով։ ― Ահա ինչ կասեմ ձեզ մեկ ընդմիշտ, մր․ Մելլ․ եթե համարձակություն ունեք անարգ կամ սառը անվանելու և կամ մի ուրիշ այսպիսի մակդիր տալու ինձ, դուք ուրեմն մի աներես ու լիրբ մուրացկան եք։ Միշտ էլ դուք մուրացկան էիք, այդ ձեզ էլ լավ հայտնի է․ իսկ այսուհետև լիրբ ու աներես մուրացկան։

Չգիտեմ՝ Ստիրֆո՞րթն էր ուզում առաջ նետվելով մր․ Մելլին հարված հասցնել, թե՞ մր․ Մելլն էր տեղից թռել Ստիրֆորթին խփելու համար, և կամ արդյոք մտադի՞ր էին մի այսպիսի բան անել, ― միայն թե հանկարծ ամբողջ սերտարանը քար կտրածի պես լռեց․ մեր մեջ կանգնած էր մր․ Կրիկլը Տեոնգեի հետ միասին, իսկ մրս․ ու միս․ Կիրկլը զարհուրած ներս էին նայում դռան միջով։ Մր․ Մելլն արմունկներն ամբիոնին դեմ էր տվել և ձեռքով երեսը ծածկել՝ առանց մի բառ ասելու։

― Մր․ Մելլ, ― ասաց մր․ Կրիկլը, նրա թևից քաշելով, և այս անգամ նրա շշունջը այնքան լսելի էր, որ Տեոնգեն ավելորդ համարեց նրա խոսքերը կրկնել, ― հուսամ, որ դուք ինքներդ ձեզ չեք մոռացել։

― Ո՛չ, սըր, ո՛չ, ― պատասխանեց վարժապետը, երեսը բանալով և սաստիկ հուզմունքից ձեռքերն իրար շփելով։ ― Ո՛չ, սըր, ո՛չ։ Խելքս վրաս է, մր․ Կրիկլ․․․ ես չեմ մոռացել ինքս ինձ․․․ Ես հիշում եմ ինքս ինձ․․․ Կցանկանայի միայն, որ դուք էլ․․․ դուք էլ, սըր, փոքր֊ինչ առաջ հիշեիք ինձ։ Դա մի վեհանձն ու ավելի արդար վարմունք կլիներ և շատ վշտերից կազատեր ինձ։ Այո՛, սըր։

Մր․ Կիրկլը խստադեմ նայեց մր․ Մելլին, ձեռքը դրեց Տեոնգեի ուսին և ամբիոնի վրա նստեց։ Այդ գահի բարձրունքից մր․ Մելլին մի քանի վայրկյան սուր դիտելուց հետո, մինչ նա սաստիկ հուզված շարունակում էր գլուխը թոթվել և ձեռքերը տրորել, մր․ Կրիկլը դարձավ Ստիրֆորթին և ասաց․

― Որովհետև դա չի ուզում բացատրություն տալ, գոնե դուք, սըր, ասեցեք, թե ի՞նչ էր նշանակում այս բոլորը։

Ստիրֆորթը չփութաց պատասխանել, այլ լուռ կանգնած էր, հակառակորդի վրա արհամարհոտ ու բարկացած հայացք նետելով։ Հիշում եմ, թե այդ րոպեին որքան ազնիվ թվաց նա ինձ և որքան գեղջուկ ու հասարակ էր մր․ Մելլը նրա առջև։

― Թող հայտնի, թե ի՞նչ էր ուզում հասկացնել արտոնյալ շնորհագյուտեր ասելով, ― ասաց վերջախես Ստիրֆորթը։

― Շնորհագյուտե՞ր, ― կրկնեց մր․ Կրիկլը և նրա ճակատի երակներն ուռեցին։ ― Ո՞վ է բան ասել շնորհագյուտերի մասին։

― Ահա դա, ― ասաց Ստիրֆորթը։

― Խնդրեմ պարզեցեք, սըր, ի՞նչ էր ձեր այդ խոսքի իմաստը, ― հարցրեց մր․ Կրիկլը օգնականին չար֊չար նայելով։

― Իմաստն այս էր, մր․ Կիրկլ, ― պատասխանեց մր․ Մելլը մեղմ ձայնով, ― որ ոչ մի աշակերտ իրավունք չունի անարգել ինձ, օգուտ քաղելով իր արտոնյալ դրությունից։

― Անարգել ձե՞զ, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Ո՜վ է այստեղք երկնայինք։ Սակայն խնդրեմ թույլ տվեք հարցնել ձեզ, միստր․․․ ինչպե՞ս էր ձեր անունը․․․ (այստեղ մր․ Կրիկլը ձեռքերը կրծքին դրեց իր ճիպոտի հետ միասին և հոնքերն այնպես կիտեց, որ փոքրիկ աչքերը համարյա թե անհետացան) հարցնել, թե որ համարձակվեցիք շնորհագյուտ խոսքն արտասանել, արդյոք դրանով արժանապես հարգած եղա՞ք իմ անձը, ինձ, ― ասաց մր․ Կրիկլը, հանկարծ գլուխն առաջ տնկելով և նույն վայրկյանին ետ քաշելով, ― ինձ, որ այս հաստատության գլուխն եմ և ձեր մեծավորը։

― Պատրաստ եմ խոստովանել, որ արածս խոհեմ բան չէր, ― ասաց մր․ Մելլը։ ― Ես այդպես չէի վարվի, եթե համբերությունից չհանեին ինձ։

Այստեղ Ստիրֆորթը վրա բերեց․

― Հետո, ասաց, թե ես անարգ եմ, թե ես ստոր եմ, վատթար եմ․ ես էլ մուրացկան անվանեցի նրան։ Գուցե այս անունը չտայի, եթե զայրացած չլինեի․ բայց մի անգամ տալուց հետո, հետևանքն էլ վրաս եմ առնում։

Գուցե առանց դատելու, որ Ստիրֆորթը ծանր հետևանքից վախենալու տեղիք չունի, ես մի տեսակ պարծանք զգացի նրա արիական խոսքերից։ Կարծեմ տղաներն էլ նույնը զգացին, որովհետև նրանց մեջ թեթև շարժում ընկավ, թեև ոչ ոք բան չասաց։

― Ես զարմանում եմ, Ստիրֆորթ, թեև անկեղծությունը պատիվ է բերում ձեր բնավորությանը, ― ասաց մր․ Կրիկլը, ― հարկավ պատիվ է բերում, բայց և այնպես զարմանում եմ։ Թե ինչպես դուք մի այդպիսի մականուն տվիք այն մարդուն, որ ծառայում և ռոճիկ է ստանում Սալեմ Հաուսում։

Ստիրֆորթը թեթև ծիծաղեց։

― Այդ պատասխան չէ իմ հարցմանը, սըր, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Մի ավելի որոշ բան եմ սպասում ձեզնից, Ստիրֆորթ։

Եթե փոքր֊ինչ առաջ մր․ Մելլը գռեհիկ էր թվացել աչքիս իմ ընկերոջ սիրուն պատկերի առջև, էլ չեմ կարող արտահայտել, թե որքան ավելի գռեհիկ էր նույն ինքը մր․ Կրիկլը։

― Թող ուրանա, ― ասաց Ստիրֆորթը։

― Ուրանա՞, ― գոչեց մր․ Կիրկլը։ ― Ի՞նչ ուրանա, Ստիրֆորթ։

― Թե մուրացկան է։

― Բայց որտե՞ղ է մուրացել։

― Եթե ինքը մուրացկան չէ, գոնե իր ամենամոտիկ ազգականը մուրացկան է, ― ասաց Ստիրֆորթը։ ― Եվ մի՞թե այդ միևնուննը չէ։

Նա ինձ նայեց, իսկ մր․ Մելլը կամացուկ ուսիս դրեց իր ձեռքը։ Ես կարմրելով ու զղջանք զգալով մտիկ տվեցի նրա երեսին, բայց մր․ Մելլը ակնապիշ դիտում էր Ստիրֆորթին։ Նա շարունակում էր շոյել ուսս, սակայն աչքերը դեռ անքթիթ հառած էին Ստիրֆորթի վրա։

― Որովհետև դուք սպասում եք, մր․ Կիրկլ, ― ասաց Ստիրֆորթը, ― որ արդարացնեմ ինքս ինձ և իմ մեղքը պարզ հայտնեմ, ասելիքս այն կլինի, որ դրա մայրն անկելանոցում ապրող մուրացկան է։

Մր․ Մելլը շարունակ դիտում էր նրան և հանդարտ շփում իմ ուսը։ Ես լսեցի, թե ինչպես նա կամաց շշնջաց ինքն իրեն․ «Իմ սպասածն էլ հենց այդ էր»։

Մր․ Կիրկլը հոնքերը կիտած, բռնազբոսիկ քաղաքավարությամբ օգնականին դարձավ և ասաց․

― Լսո՞ւմ եք, մր․ Մելլ, թե ի՞նչ է ասում ջենտլմենը։ Արդ՝ համեցեք, խնդրեմ, բոլորիս ներկայությամբ հաստատել կամ հերքել նրա խոսքերը։

― Նա լիովին արդար է, սըր, և ես հերքելու բան չունեմ, ― ասաց մր․ Մելլն ամենախորին լռության մեջ։ ― Նրա խոսքերը միանգամայն ճշմարիտ են։

― Այժմ հաճեցեք հանդիսաբար վկայել, ― ասաց մր․ Կիրկլը, գլուխը մի կողմ թեքելով և աչքերը ամբողջ սերտարանի վրա հածելով, ― վկայել, թե արդյոք մինչ այսօր ինձ հայտնի՞ էր այդ բանը։

― Չեմ կարծում, որ բացարձակ հայտնի լիներ, ― պատասխանեց մր․ Մելլը։

― Այդ ի՞նչ ասել է, ― գոչեց մր․ Կիրկլը։ ― Միթե չգիտե՞ք, որ հայտնի չէր։ Իրավ չգիտե՞ք, թշվառական։

― Չեմ կարծում, որ դուք երբևէ շատ փառավոր համարած լինեք իմ նյութական կացությունը, ― վրա բերեց օգնականը։ ― Ձեզ քաջ հայտնի է իմ այժմյան վիճակս ձեր դպրոցում, առաջվանն էլ լավ հայտնի էր։

― Եթե այդպես է, ― ասաց մր․ Կիրկլը, և նրա ճակատի երակները ավելի հաստացան, ― ուրեմն պետք է ենթադրել, թե դուք մեզ մոտ մի թյուր դիրք եք ունեցել և այս տունը սխալմամբ չքավորների դպրոց համարել։ Մր․ Մելլ, մեզ կմնա բաժանվել․ և քանի շուտ, այնքան լավ։

― Եվ ամենալավը՝ հենց իսկույն, ― ասաց մր․ Մելլը, պատրաստվելով դուրս գնալ։

― Սըր, սպասեցեք։

― Ավելորդ է, ― ասաց մր․ Մելլը։ ― Մնաք բարով, մր․ Կիրկլ, և դուք ամենքդ, աշակերտներ։ Իսկ ձեզ, Ջեյմս Ստիրֆորթ, ես չեմ կարող հեռանալիս մի ուրիշ բան մաղթել, բայց եթե այն, որ մի օր դուք ամոթ զգաք ձեր այսօրվա արարքից։ Այս րոպեիս ես լավ կհամարեի, որ դուք ինձ ո՛չ բարեկամ լինեք, ո՛չ էլ որևէ մեկին, որին ես կարեկից եմ։

Նա դարձյալ մի անգամ ուսիս դրեց իր ձեռքը, սրինգը ու գրքերը սեղանից հանեց և բանալին հաջորդի համար թողնելով, իր ամբողջ ունեցվածքը թևի տակ բռնած՝ դուրս եկավ վարժարանից։ Այնուհետև մր․ Կրիկլը Տեոնգեի միջնորդությամբ մի ճառ ասաց, որի մեջ շնորհակալություն հայտնեց Ստիրֆորթին Սալեմ Հաուսի անկախությունն ու բարի համբավը, թերևս շատ ջերմ պաշտպանելու համար, և ճառը կնքեց Ստիրֆորթի աջը սեղմելով։ Իսկ մենք երիցս կեցցե գոռացինք՝ ի պատիվ Ստիրֆորթի, ես էլ եռանդով մյուսների հետ գոռացի, թեև սիրտս շատ ընկճված էր։ Ի վերջո մր․ Կրիկլը ճիպոտով ծեծեց Տրեդլսին, որովհետև նա կեցցենրին ձայնակցելու փոխարեն, լաց էր լինում մր․ Մելլի հեռանալու պատճառով։ Այս էլ վերջացնելուց հետո՝ մր․ Կիրկլը ետ քաշվեց դեպի իր բազմոցը կամ անկողինը և կամ չգիտեմ դեպի ուր։

Մենք մենակ մնացինք և միտքս է, թե որքան շփոթված էինք նայում իրար վրա։ Ես այնպես էի կշտամբում ինձ և պատահած դեպքին մասնակցելուս համար զղջանք զգում, որ անպատճառ լաց կլինեի, եթե չվախենայի, որ շուտ֊շուտ վրաս նայող Ստիրֆորթը դժգոհ կլինի իմ արտասվելուց, դրա մեջ հարգանքի պակասություն նշմարելով դեպի ինքը։ Այնքան մեծ էր ակնածությունս նրանից։ Նա շատ բարկացած էր Տրեդլսի վրա և ասաց, թե ուրախ է, որ նա ծեծ կերավ։

Իսկ Տրեդլսը, որ գլուխը սեղանին դրած արդեն իր վիշտը փարատել էր մի քանի կմախք նկարելով, պատասխանեց, թե փույթ չէ, որ իրեն ծեծեցին, և ցավալին միայն այն է, որ մր․ Մելլի հետ վատ վարվեցին։

― Ո՞վ վատ վարվեց, ա՜յ աղջիկ, ― ասաց Ստիրֆորթը։

― Ո՞վ։ Իհարկե դու, ― պատասխանեց Տրեդլսը։

― Ես ի՞նչ արի որ, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Ինչպես թե ինչ արիր, ― վրա բերեց Տրեդլսը։ ― Դու նրա սիրտը խոր խոցեցիր և նրան պաշտոնից զրկեցիր։

― Սիրտը խոցեցի, ― կրկնեց Ստիրֆորթն արհամարհանքով։ ― Միամիտ կաց, օրիորդ Տրեդլս, նրա սիրտը քոնի պես դյուրազգաց չէ, շուտ կբուժվի։ Իսկ գալով պաշտոնին, երևելի պաշտոմ էր, չէ՞, մի՞թե կարծում ես, թե չեմ գրի մորս և չեմ հոգա, որ նրան մի գումար ուղարկի։

Ստիրֆորթի այս դիտավորությունը շատ վեհանձն թվաց մեզ։ Լսել էինք, որ նրա մայրը մի հարուստ այրի է և գրեթե միշտ որդու կամքը կատարող։ Մենք չափազանց ուրախացանք, Տրեդլսի պարտության վրա, իսկ Ստիրֆորթին մինչև երկինք բարձրացրինք, մանավանդ երբ նա համաձայնեց մեզ հայտնել, թե ինչ որ արել է, հատկապես մեր օգտի համար, մեծ բարիք հասցրել մեզ իր անշահասեր վարմունքով։ Սակայն ստիպված եմ ասել, որ այն գիշեր իմ վեպերից մեկը մթության մեջ պատմելիս, կարծես լսում էի մր․ Մելլի հին սրնգի ձայները, որոնք սովորականից ավելի տխուր էին հնչում այս անգամ։ Ստիրֆորթը քնեց վերջապես, ես էլ պառկեցի, բայց սիրտս դեռ արտասվում էր այն լալագին ձայներից։

Բայց շատ չանցած ես մոռացա մր․ Մելլին, հափշտակվելով Ստիրֆորթով, որ հոժարակամ հանձն էր առել ավանդել մեզ նրա դասերից մի քանիսը և պարապել մեզ հետ առանց դիմելու որևէ ձեռնարկի օգնության (իր ասելով՝ նա ամեն գիրք անգիր գիտեր) մինչև որ նոր ուսուցիչ գտնվեր։ Նոր ուսուցիչը մեզ մետ եկավ մի տարրական վարժարանից և պաշտոնն սկսելուց առաջ ճաշի հրավիրվեց տեսչի մոտ, որպեսզի այնտեղ ներկայացվի Ստիրֆորթին։ Ստիրֆորթը շատ հավանեց նրան և ասաց մեզ, թե եփված մարդ է։ Ես լավ չհասկացա, թե կրթության ո՞ր աստիճանն են ցույց տալիս այդ բառերը, բայց և այնպես, շատ հարգեցի նորեկին և ոչ մի վայրկյան չէի կասկածում նրա գերազանց գիտության մասին, թեև նա այն խնամքի քառորդ մասն էլ չէր ընծայում նվաստիս, ինչ որ ընծայում էր մր․ Մելլը։

Այդ միջոցին դարձայլ մի անսովոր դեպք պատահեց մեր դպրոցական կյանքի ամենօրյա ընթացքում։ Նրա հիշատակը դեռ այսօր էլ կենդանի է մտքիս մեջ և հավիտյան այսպես կմնա շատ և շատ պատճառներով։

Մի երեկո, մինչ մենք մի սոսկալի տագնապի մեջ էինք, որովհետև մր․ Կրիկլը չարաչար զայրացել էր, Տեոնգեն ներս մտավ և իր սովորական կոպիտ ձայնով ասաց․

― Մարդիկ են եկել Կոպպերֆիլդին տեսնելու։

Նա և մր․ Կրիկլը մի քանի բառ փոխանակեցին իրար հետ որոշելու համար, թե ո՞ր սենյակում պետք է ընդունել հյուրերին։ Շվարմունքից սիրտս մարելու վրա էր այդ բանակցության ժամանակ։ Ինձ պատվիրեցին, որ հետևի սանդուղքով վերև գնամ մաքուր շապիկ հագնելու և ապա իջնեմ հյուրասենյակը։ Կատարեցի այդ պատվերը մի այնպիսի հապճեպ կերպով, որ անկարելի է նկարագրել։ Արդյոք ովեքե՞ր են եկողները, մտածում էի ես։ Մի՞թե մր․ Մեորդստոնը և իր քույրը։ Կամ թե գուցե մայրի՞կս է։ Այս վերջին ենթադրությամբ շոյված՝ ես ետ քաշեցի ձեռքս հյուրասենյակի դռան փականքից, որ արդեն բռնել էի, և լաց եղա մի քանի վայրկյան, ապա թե ներս մտնելու սիրտ առա։

Սկզբում ոչ ոք չերևաց ինձ, բայց երբ դռան հետևը մի շարժում լսելով ետ նայեցի, հիացմունքով տեսա մր․ Պեգգոտիին և Հեմին, որոնք գլխարկներն իջեցնելով ու բարձրացնելով ողջունում էին ինձ և իրար հրում։ Ակամա ծիծաղեցի, սակայն ավելի նրանց տեսնելուս զվարճությունից, քան տարօրինակ շարժումներից։ Մենք սրտանց իրար աջ մեկնեցինք, սակայն ես դեռ այնքան սաստիկ էի քրքրջում, որ ի վերջո պետք եղավ ինձ թաշկինակս հանել, որ արտասուքս սրբեմ։

Մր․ Պեգգոտին, որ ամբողջ ժամանակ, ինչքան հիշում եմ, բերանն անգամ չէր բացել, շատ հուզվեց, արտասուքս տեսնելով, և Հեմին կամաց մշտեց, որ գեթ նա սկսի մի բան ասել։

― Կտրիճ կացեք, մաստր Դեվի, ― ասաց Հեմը պարզ ժպիտով։ ― Համա մեծացել եք, հա՜։

― Մի՞թե մեծացել եմ, ― հարցրեցի ես, աչքերս նորից սրբելով։

Լալուս պատճառը երևի թե այն խնդությունն էր, որ զգում էի հին բարեկամներիս տեսնելուց։

― Արևս վկա, մեծացել եք, մաստր Դեվի, ― ասաց Հեմը։ ― Մեծացել է, այնպես չէ՞, ապեր։

― Այո՛, շատ է մեծացել, ― հաստատեց մր․Պեգգոտին։

Նրանք երկուսն էլ, իրար նայելով, ծիծաղեցին, ես էլ միացա այդ ծիծաղին և քիչ էր մնացել՝ նորից լայի։

― Մայրիկս ինչպե՞ս է, մր․ Պեգգոտի, ― հարցրի ես։ ― Առո՞ղջ է։

― Փառք աստծու, շատ առողջ, ― պատասխամեց մր․ Պեգգոտին։

― Իսկ իմ սիրելի պառավ Պեգգոտի՞ն։

― Լավից լավ։

― Իսկ փոքրիկ Էմլի՞ն։

― Հիանալի։

― Իսկ մրս․ Գըմի՞ջը։

― Նա էլ առողջ է։

Որոշ ժամանակ լուռ մնացինք։ Այս լռությունն ընդհատելու համար մր․ Պեգգոտին գրպաններից հանեց երկու ահագին խաչափառ, մի վիթխարի խեցգետին, մի քանի մանր կարիտոս, և այս բոլորը Հեմի ձեռքերի վրա դիզեց։

― Երբ մեզ մոտ էիք, մաստր Դեվի, կարծեմ սիրում էիք այս բաները, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Ահա մենք էլ համարձակվեցինք բերել։ Գիտե՞ք, պառավ Գըմիջն է խաշել․․․ Ինքն է խաշել, մաստր Դեվի, ― կմկմաց մր․ Պեգգոտին, կարծես ակամա երկարացնելով խոսքը, որովհետև դժվարանում էր ուրիշ ասելու բան գտնել։ ― Այո՛, պառավ Գըմիջը ինքն է խաշել, հավատացեք, և ինչո՞ւ չպիտի խաշեր։

Ես շնորհակալություն հայտնեցի։ Մր․ Պեգգոտին Հեմին աչքով անելուց հետո, ― որ ապուշի պես ժպտում էր ու խեցեմորթներին մտիկ տալիս և չէր շտապում ազատել քեռուն նեղ դրությունից, ― ասաց․

― Եվ այսպես, մաստր Դեվի, ծովի ետ քաշվելուց և հաջող քամուց օգտվելով, նավակ նստեցինք և Գրևզընդ եկանք։ Եվ ինչո՞ւ չգայինք։ Քույրս գրել էր, որ եթե Գրևզընդ գամ, անպատճառ այստեղ հանդիպեմ և մաստր Դեվիին տեսնեմ և շատ֊շատ ողջույն հայտնեմ իր և ամբողջ ընտանիքի կողմից և ասեմ, որ բոլորն էլ տանը, փառք աստծու, առողջ են, շատ առողջ, ― թող միամիտ լինի մաստր Դեվին։ Իսկ երբ որ վերադառնամ, գիտեք, կերթամ կպատմեմ Էմլիին, թե ահա եկա, տեսա և փառք աստծու լիովին առողջ գտա ձեզ․ նա էլ բոլորն իմ քրոջը կգրի, և մենք բոլորս կուրախանանք։

Ես սրտանց շնորհակալ եղա և փոքր֊ինչ կարմրելով ասացի, թե երևի փոքրիկ Էմլին արդեն բավական փոխված կլինի այն օրից, երբ մենք միասին կոպիճներ ու խեցիներ էինք հավաքում ծովափին։

― Ինչ ասել կուզի, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Նա շուտով կին կդառնա։ Ահա սրան հարցրեք։

Նա ակնարկեց Հեմին, որ զվարճությունից վառված դեմքով հաստատական նշան արեց և աչքերը խեցիներին հառեց։

― Եվ ինչպե՜ս սիրուն է, ― ասաց մր․ Պեգգոտին, և նրա աչքերը ցոլացին։

― Եվ ինչպե՜ս գիտուն, ― վրա բերեց Հեմը։

― Եվ տեսնեիք, ինչպես է գրում, մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Գրած տառերը սև սաթի պես են և այնպես խոշոր, որ որտեղից էլ նայես, կտեսնես։

Քաղցր էր լսել, թե մր․ Պեգգոտին ինչպիսի հիացմունքով էր խոսում իր փոքրիկ սիրելիի մասին։ Ահա այս րոպեիս էլ տեսնում եմ խոժոռ ու մազոտ և սիրավառ հպարտությամբ փայլող դեմքը, որ անզոր եմ նկարագրել։ Ազնիվ աչքերն կարծես ներքին կրակից կայծակում են ու վառվում։ Լայն կուրծքն ուրախ֊ուրախ բարձրանում է և իջնում։ Եռանդից բռունցքները սեղմվում են՝ խոսելիս այնպես է շեշտում ասածներն իր ջլապինդ աջ բազկով, որ կարծես դարբնի մուրճ լիներ իմ գաճաճ տեսությամբ։

Հեմն էլ հուզված էր քեռու նման։ Անշուշտ շատ բան կպատմեին նրանք Էմլիի մասին, եթե չքաշվեին Ստիրֆորթից, որ հանկարծ երգելով ներս մտավ և տեսնելով որ խոսում եմ մի անկյունում երկու անծանոթ անձերի հետ, ընդհատեց երգը և ասաց․ «Ես չգիտեի Կոպպերֆիլդ, որ դուք այստեղ եք» (եկվոր հյուրերը սովորաբար մի ուրիշ սենյակումն էին ընդունվում): Ասաց և ուզում էր հեռանալ։

Բայց ես նրան բռնեցի, ինքս էլ չգիտեմ, թե ինչո՞ւ։ Արդյոք ուզում էի պարծենա՞լ նրա նման մի ընկերոջով, պատմել նրան, թե ինչպե՞ս եմ մր․ Պեգգոտիի բարեկամությունը վաստակել, ― ինչևիցե, բռնեցի նրան և ասացի մտերմաբար (սակայն, աստված իմ, ինչպես եմ հիշում այս բոլորն այնքան տարիներ անցնելուց հետո).

― Աղաչում եմ, Ստիրֆորթ, մի հեռացեք։ Սրանք Յարմաուտցի նավավարներ են, երկուսն էլ բարի ու լավ մարդիկ և դայակիս ազգական․ այժմ եկել են ինձ տեսնելու Գրևզընդից։

― Ի՞րավ, ― ասաց Ստիրֆորթը շուռ գալով։ ― Շատ ուրախ եմ տեսնելու դրանց։ Բարով եք եկել։

Նրա ողջ վարմունքի մեջ մի այնպիսի անբռնազբոսիկ դրություն կար, մի այնպիսի հրապուրիչ շնորհ, որին անկարելի էր դիմադրել։ Նրա նուրբ ձևերը, առույգ տեսքը, զվարթ ձայնը, գեղեցիկ դեմքն ամենքի վրա ազդում էին մի թովչական զորությամբ, որ շատերին հատուկ չէ։ Ես նկատեցի, որ նա իսկույն երկուսին էլ դուր եկավ, և ուրախ էի, որ նրանք պատրաստ են նույն րոպեին իրենց սիրտը բանալ նրա առջև։

― Երբ որ ձերոնց նամակ գրեք, մր․ Պեգգոտի, ― ասացի ես, ― խնդրեմ գրեցեք, որ միստր Ստիրֆորթը շատ բարի է դեպի ինձ, և թե չգիտեմ՝ ի՞նչ կանեի այստեղ առանց նրա։

― Դատարկ խոսքեր, ― ասաց Ստիրֆորթը ծիծաղելով։ ― Խնդրեմ չգրեք այդպիսի բան։

― Եվ եթե մր․ Ստիրֆորթը մի օր Նորֆոլկ կամ Սուֆոլկ գա, մր․ Պեգգոտի, ― շարունակեցի ես, ― վստահ եղեք, որ ես անպատճառ նրան Յարմաութ կբերեմ ձեր տունը ցույց տալու համար։ Ստիրֆո՛րդ, մի այնպիսի սիրուն տուն դուք երբեք չեք տեսել։ Նավակից է շինված։

― Մի՞թե նավակից, ― ասաց Ստիրֆորթը։ ― Ուրեմն մի իսկական նավարարի վայել տուն է։

― Այդպես էլ է, սըր, հենց այդպես, ― հաստատեց Հեմն աղմկալի ծիծաղելով։ ― Ձեր ասածը ճշմարիտ է, երիտասարդ ջենտլմեն։ Մաստր Դեվի, ջենտլմենի ասածը բոլորովին ճշմարիտ է։ Իսկական նավավար։ Եվ դեռ ինչպե՞ս իսկական։ Փնտրեք էլ՝ նմանը չեք գտնի։ Արևս վկա։

Մր․ Պեգգոտին էլ քերորդուց պակաս չէր հրճված Ստիրֆորդի հաճոյական խոսքերից, բայց համեստությամբ թույլ չտվեց նրան այդպիսի շռւնդով ընդունել հատուկ իր անձին վերագրված պատիվը։

― Այո, սըր, ― ասաց նա և գլուխ տվեց, համեստ֊համեստ ժպտալով ու փողպատի ծայրերը անդրավարտիքի տակ մտնցնելով, ― շնորհակալ եմ, սըր, շատ շնորհակալ։ Անում եմ ինչ֊որ միայն կարող եմ անել իմ հասարակ կոչման մեջ։

― Ամենալավ մարդն էլ դրանից ավել չի անի, մր․ Պեգգոտի, ― ասաց Ստիրֆորթը, որ արդեն գիտեր բարեկամիս անունը։

― Հավաստի եմ սըր, որ դուք էլ միշտ այդպես եք անում, ― ասաց մր․ Պեգգոտին, ― և, հուսով եմ, միշտ հաջող։ Շնորհակալ եմ, սըր։ Շատ շնորհակալ ձեր մարդասեր ընդունելության համար։ Ես մի անտաշ կոպիտ մարդ եմ, սըր, բայց հավատացեք, շիտակ մարդ եմ․ գոնե կարծում եմ, թե շիտակ եմ, հասկացա՞ք։ Իմ տնակը մի առանձին տեսնելու բան չէ, բայց նրա դռները միշտ բաց կլինեն ձեր առջև, երբ էլ կամենաք մեզ շնորհ բերել մաստր Դեվիի հետ միասին։ Սակայան, ներեցեք․․․ ես մի կատարյալ խխունջ եմ, ― ասաց մր․ Պեգգոտին, ուզենալով իմացնել իր ծանրաշարժ լինելը, որովհետև ամեն մի խոսքից հետո ուզում էր գնալ և դարձայլ ակամա կանգնած էր մնում տեղում։ ― Դե, մնաք բարով, երկուսիդ էլ աստված առողջ ու երջանիկ պահի։

Հեմն էլ միևնույն մաղթանքը կրկնեց, և մենք շատ սրտագին հրաժեշտ առանք նրանցից։ Այդ երեկո ես ուզում էի Էմլիի մասին մի քանի բան պատմել Ստիրֆորդին, բայց չհամարձակվեցի անունը տալ վախենալով թե ընկերս կծաղրի ինձ։ Երկար ժամանակ և բավական անհանգիստ մտածում էի մր․ Պեգգոտիի այն խոսքերի մասին, թե Էմլին արդեն կին դառնալու վրա է, և վերջ ի վերջո որոշեցի, թե դրանք անմիտ խոսքեր են։

Մր․ Պեգգոտիի բերած խեցեմորթները հենց այն երեկո թաքուն վերև տարանք և մի փառավոր ընթրիք սարքեցինք։ Սակայն Տրեդլսն այս անգամ էլ բախտ չունեցավ։ Խեցգետինը վնասեց նրան, և նա ամբողջ գիշեր ցավ քաշեց։ Առավորյան նրան ստիպեցին մի սև դեղ ու հատիկներ ընդունել, և այնպիսի քանակով, որից Դիմպլի վկայությամբ (սա բժկի որդի էր), նույնիսկ ձիու կազմվածքը կքայքայվեր և բացի այդ՝ նրան մի լավ ծեծեցին և հունարեն Ս․ Գրքից վեց գլուխ թարգմանելու պատիժ տվին, որովհետև չէր կամեցել հիվանդության պատճառն ասել։

Կիսամյակի մնացած մասն ամենօրյա պայքարի ու ճգնության անվերջ շարք էր մեր դպրոցական կյանքի մեջ։ Ամառն անցավ, նրան հաջորդեց հով առավոտներով աշունը, երբ ատելի զանգակը անկողնուց դուրս էր քշում մեզ․ այլևս մի քանի շաբաթ, և ահա վրա հասան ձմեռվա ցուրտ ու խոնավ գիշերները, երբ միևնույն զանգակը դեպի անկողին էր քշում մեզ։ Առավոտյան՝ մթապատ և վատ տաքացրած սերտարան․ երեկոյան՝ դարձայլ նույն սերտարանը՝ միանգամայն սառցարան, ուր մենք ցրտից սարսռում էինք ու դողում։ Ահա իրար հաջորդած նախաճաշեր, ճաշեր և ընթրիքներ ― մեկ խաշած և մերթ տապակած գառան միս, կոշտ հաց, կծված կարագ, գզգզված դասագրքեր, ջախջախված քարետախտակներ, արտասվաթոր տետրակներ, քանոնի ու ճիպոտի հարվածներ, ապտակներ, փետված մազեր, անձրևային կիրակիներ, ճարպալից պուդինգներ և թանաքով տոգորված գարշ մթնոլորտ։

Լավ եմ հիշում, թե ինչպես ձմեռվա արձակուրդի հեռավոր գաղափարը, որ երկար ժամանակ մի անշարժ կետ էր թվում, սկսեց հետզհետե մոտնել մեզ և աճել, թե ինչպես ժամանակն ամիսներով հաշվելուց հետո՝ շաբաթներով և օրերով սկսեցինք հաշվել․ թե ինչպես սկսեցի երկյուղ կրել, թե արդյոք տուն կդարձնե՞ն ինձ, և թե որքան ուրախացա, երբ Ստիրֆորթը հայտնեց, թե անպատճառ կարձակեն։ Բայց ե՞րբ կգա այդ արձակման երջանիկ օրը։ Գալող շաբաթ, այս շանաթ, վաղը չէ՝ մյուս օր, վաղը, այսօր, այս երեկո, ― և ահա նստած եմ Յարմաութ տանող կառքի մեջ և գնում եմ դեպի տուն։

Կառքումն էլ քունս ընդհատվում է դպրոցական կյանքի խառնափնթոր պատկերների երազով։ Սակայն զարթնելով, դուրս նայելով տեսնում եմ, որ շրջակայքը Սալեմ Հաուսի բակը չէ, և որ ականջիս հնչող ձայնը Տրեդլիսն ապատակ տվող մր․ Կրիկլի ձայնը չէ, այլ կառապանի, որ քշում է ձիերին։


Ը․ գլուխ

Արձակուրդը և մանավանդ մի երջանիկ երեկո


Արշալույսին հասանք իջևան, ուր կառքը կանգ առավ, և մենք մի հյուրանոց մտանք, բայց ոչ այն, ուր ապրում էր իմ բարեկամ սպասավորը։ Ինձ տարան մի փոքրիկ մաքուր սենյակ, որի դռան վրա գրված էր ՝ Դելֆին։ Շատ ցուրտ էր, և ես մրսում էի, չնայած ինձ համար պատրաստված տաք թեյին, որ դրել էին սեղանի վրա, վառարանի կրակի մոտ։ Այս պատճառով հաճությամբ մտա «Դելֆինի» անկողինը, վերմակը վրաս քաշեցի և քուն եղա։

Մեր բարեկամ մր․ Բարկիսը գալու էր իմ հետևից առավոտյան ժամը իննին։ Ես վեր կացա ութին և դեռ նրա գալուց առաջ արդեն պատրաստ էի։ Կարճատև քնից գլուխս դեռ պտույտ էր գալիս։ Մր․ Բարկիսն ինձ այնպես դիմավորեց, որ կարծես թե մեր վերջին բաժանումից հետո հինգ րոպե էլ անցած չլիներ, և կամ թե ես մի վայրկյան միայն հյուրանոց մտած լինեի մի փոքրիկ արծաթ մանրելու և կամ մի ուրիշ չնչին բան հոգալու համար։

Հենց որ արկղս ու ես կառք մտանք և կառապանը իր տեղը նստեց, ծույլ ձին սովորական քայլով առաջ գնաց։

― Շատ եք դրստվել, մր․ Բարկիս, ― ասացի ես, կարծելով թե խոսքերս նրան դուր կգան։

Մր․ Բարկիսը թևով սրբեց երեսը և հետո նայեց այդ թևին, ասես թե իր կարմրության հետքը վրան փնտրելով, բայց մի ուրիշ պատասխանի արժանի չարավ իմ կոմպլիմենտը։

― Արդեն կատարել եմ ձեր պատվերը, մր․ Բարկիս, ― ասացի ես։ ― Գրել եմ Պեգգոտիին։

― Աա՜, ― ասաց մր․ Բարկիսը։

Նա վատ էր տրամադրված և չոր֊չոր էր պատասխան տալիս։

― Մի՞թե լավ չարի, որ գրեցի, մր․ Բարկիս, ― հարցրի ես մի թեթև վարանումից հետո։

― Ի՞նչ, ― ասաց մր․ Բարկիսը։

― Չէ՞ որ պատվիրել էիք նամակ գրել։

― Նամակ գրելը գուցե լավ էր, ― ասաց մր․ Բարկիսը, ― բայց բան դուրս չեկավ։

Առանց հասկանալու նրա միտքը, զգուշությամբ հարցրի․

― Ի՞նչ բան դուրս չեկավ, մր․ Բարկիս։

― Ոչինչ դուրս չեկավ, ― ասաց նա, կողմնակի վրաս նայելով։ ― Ոչ մի պատասխան։

― Ուրեմն սպասում էիք պատասխանի՞, մր․ Բարկիս, ― հարցրի ես՝ աչքերս մեծ֊մեծ բանալով, որովհետև կառապանի խոսքից մի նոր լույս ծագեց մտքիս մեջ։

― Երբ մարդ ասում է, թե ուզում է, ― ասաց մր․ Բարկիսը, աչքերը կամաց վրաս ուղղելով, ― ասել է, թե պիտի սպասի մի պատասխանի։

― Ուրեմն, մր․ Բարկիս․․․

― Ուրեմն, ― ասաց մր․ Բարկիսը, աչքերը ձիու ականջներին դարձնելով, ― ես էլ մինչև այժմ սպասում եմ պատասխանին։

― Այդ մասին խոսե՞լ եք նրա հետ․ մր․ Բարկիս։

― Ո՛չ․․․ ո՛չ․․․ ― փնթփնթաց նա մտածկոտ։ ― Ո՛չ խոսել եմ, ո՛չ էլ կխոսեմ այդ մասին։ Վեց բառ անգամ չեմ ասի նրան։ Եվ ինչպե՞ս ասեմ ես ինքս։

― Կուզե՞ք ես կասեմ, մր․ Բարկիս։

― Եթե ուզենաք, ասացեք, ― ասաց մր․ Բարկիսը, նորից վրաս նայելով, ― ասացեք, թե Բարկիսը սպասում է պատասխանի։ Բայց ի՞նչ է նրա անունը։

― Նրա անո՞ւնը։

― Այո, ― ասաց մր․ Բարկիսը, գլուխը շարժելով։

― Պեգգոտի։

― Մկրտությա՞ն անունն է, թե ազգանունը, ― հարցրեց մր․ Բարկիսը։

― Մկրտության անունը Կլարա է, իսկ Պեգգոտի ազգանունն է։

― Մի՞թե, ― ասաց մր․ Բարկիսը։

Նա կարծես, թե մտածության մի անսպասելի նյութ գտավ այդ պարագայի մեջ և երկար ժամանակ լուռ մնաց, մտմտալով ու հևալով։

― Դե լավ, ― ասաց նա վերջապես։ ― Ուրեմն կասեք․ «Պեգգոտի, Բարկիսը սպասում է պատասխանի»։ Նա կհարցնի․ «Ո՞ր բանին»։ Դուք կասեք․ «Այն բանին, ինչ֊որ քեզ հայտնել եմ»։ «Ի՞նչ էիր հայտնել», կհարցնի նա։ Դուք էլ կասեք․ «Բարկիսն ուզում է»։

Մր․ Բարկիսը այս ճարտար թելադրությունն անելիս՝ այնքան արմունկով մշտեց ինձ, որ կողքս ցավեց։ Այնուհետև նորից դեպի ձին կախ ընկավ և այլևս ոչ մի ակնարկ չարեց մեր խոսակցության առարկայի մասին։ Միայն թե կես ժամից հետ գրպանից մի կտոր կավիճ հանեց և կառքի նստարանի վրա՝ «Կլարա Պեգգոտի» գրեց, ― երևի թե հիշելու համար։

Ինչ տարօրինակ զգացում էր այն, որ հուզեց ինձ, երբ մոտեցա մեր տանը, որ սակայն իմը չէր այլևս, ուր յուրաքանչյուր առարկա մեր երջանիկ հին տունը պետք է հիշեցներ ինձ, որ, սակայն, կարծես մի անհետացած երազ էր։ Հիշեցի այն օրերը, երբ մայրիկս, ես և Պեգգոտին մեկ անձ էինք, երբ դեռ ոչ ոք չէր խառնվել մեր գործերին, և այս հիշատակն այնպես ուժով պաշարեց ինձ, որ չգիտեի՝ ուրախանա՞մ տուն գնալուս վրա, թե՞ ափսոսամ, որ Սալեմում չմնացի՝ այս բոլորը Ստիրֆորթի ընկերության մեջ մոռանալու համար։ Սակայն ես արդեն տանն էի և տերևաթափ կնձենիները ճոճվում էին աշնան հողմից, որ մռնչալով քայքայում էր որորների հին բները և նրանց բեկորները իր թևերի վրա փախցնում։

Կառապանը պարտեզի դռնակի մոտ տեղավորեց սնդուկս և հեռացավ։ Ես ծանոթ շավղով դիմեցի տան կողմը, շարունակ աչքս հառած պատուհաններին․ վախենում էի, թե ահա մր․ Մեորդստոնի դեմքը կտեսնեմ։ Սակայն ոչ մի դեմք չերևաց, և ես մոտենալով դռանը, առանց բախելու բաց արի ու կամաց ներս մտա։ Դեռ լույս էր։

Աստվա՜ծ իմ, ինչ մանկական հիշատակներ արթնացան իմ մեջ, երբ նախասենյակը մտնելիս՝ մայրիկիս ձայնը լսեցի, որ գալիս էր դահլիճից։ Նա անուշիկ երգում էր, երևի թե այնպես, ինչպես որ երգած կլիներ մի ժամանակ՝ ինձ իր գրկում օրորելիս։ Երգի եղանակը ինձ համար նոր էր, բայց և այնքան սրտառուչ, որ գորովս շարժվեց, և ես ընդունեցի նրան իբրև մի հին բարեկամի, որին վախուց չէի տեսել։

Մորս երգի ներդաշնակ ու տրտում եղանակից հետևեցի, որ նա մենակ է, և սուսիկ ներս մտա։ Նա նստած էր կրակի առջև և կաթ էր տալիս մի ծծկեր մանկան, նրա թաթիկը իր վզին սեղմած։ Նա անքթիթ մտիկ էր տալիս երեխայի երեսին և երգում նրա համար։ Պարզ էր, որ նա մենակ է։

― Մայրիկ։

Նա սոսկած և ճիչ հանեց։ Բայց ինձ տեսնելուն պես՝ «Ահ, Դավիթ ջան, իմ սիրելի, իմ անգին որդիս, և չոքելով շատ անգամ համբուրեց ինձ․ հետո գլուխս մոտեցրեց գրկում հանգչող փոքրիկ էակին և նրա թաթիկը շրթունքիս դրեց։

Երանի թե նույն րոպեին մեռնեի, մեռնեի այն երջանիկ զգացումով, որով հոգիս լցված էր։ Այնուհետև կյանքիս ոչ մի վայրկյանում ես երկնքի դռանը այնպես մոտիկ չեմ եղել։

― Սա քո եղբայրն է, ― ասաց մայրիկս, ինձ գգվելով։ ― Ա՛խ սիրելի Դեվիս, սիրուն, անգին որդյակս։

Այս ասելով նորից ու նորից համբուրեց ինձ ու վզիս փարվեց։ Այդ իսկ միջոցին Պեգգոտին վազելով ներս մտավ, մեր առջև գետին ընկավ և մի քառորդ ժամ այդ դրության մեջ մնաց խելագարի շարժումներով։

Այսպես վաղ չէին սպասել ինձ․ կառապանը սովորական ժամից առաջ էր եկել։ Իմացա, որ մր․ Մեորդստոնը և իր քույրը հյուր են գնացել հարևանի մոտ և իրիկնապահից առաջ չպիտի ետ գան։ Ինձ համար դա մի անսպասելի երջանկություն էր։ Մտքովս էլ չէր անցել, թե մայրիկս, Պեգգոտին ու ես դարձյալ մի անգամ միասին կգտնվեինք իրար հետ՝ առանց ուրիշների ներկայության։ Ես կարծեցի, թե հին օրերը վերադարձել են։

Միասին ճաշեցինք կրակի հանդեպ։ Պեգգոտին ուզում էր ոտքի վրա ծառայել մեզ, բայց մայրիկս թույլ չտվեց և պահանջեց, որ ինքն էլ մեզ հետ սեղան նստի։ Առջևս դրված էր իմ սեփական հին ափսեն՝ մի առագաստավոր մարտանավի պատկերով, որ բացակայությանս միջոցին Պեգգոտին պահել էր մի թաքուն տեղ։ Իր ասելով՝ եթե հարյուր ստեռլինգ էլ իրեն տային, չէր ուզի, որ այդ ափսեն կոտրվի։ Ես գտա և իմ առաջվա բաժակը՝ Դավիթ մակագրությամբ, ինչպես և իմ փոքրիկ պատառաքաղն ու դանակը, որ այլևս չէր կտրում։

Ճաշի ժամանակ հարմար դատեցի մր․ Բարկիսի մասին խոսք բանալ Պեգգոտիի առջև, բայց ես ասելիքս դեռ չէի ավարտել, երբ նա սկսեց ծիծաղել և երեսը գոգնոցով ծածկեց։

― Պեգգոտի, ― ասաց մայրիկս, ― ի՞նչ է պատահել քեզ։

Պեգգոտին ավելի ամուր ծիծաղեց և գոգնոցն այնպես վերև քաշեց, որ ոչ միայն երեսը, այլ գլուխն էլ նրա մեջ, ինչպես մի տոպրակի մեջ, անհետացավ։

― Ի՞նչ ես անում, ա՛յ գիժ կին, ― ասաց մայրս զուր փորձելով ետ քաշել նրա գոգնոցը և նմանապես ծիծաղելով։

― Ա՜յ ախմախ մարդ, ― գոչեց Պեգգոտին։ ― Նա ուզում է պսակվել ինձ հետ։

― Ինչո՞վ է ախմախ։ Իմ կարծիքով նա լավ մարդ կլիներ քեզ համար, ― նկատեց մայրս։

― Է՛հ, չգիտեմ, ― ասաց Պեգգոտին։ ― Էլ մի հարցնեք։ Եթե նա ոսկուց էլ ստեղծված լիներ, ես չէի ուզի նրան։ Ոչ ոքի էլ չեմ ուզում։

― Ուրեմն ինչո՞ւ չես հայտնում նրան, որ չես ուզում, ― ասաց մայրս։

― Հայտնել նրա՞ն, ― գոչեց Պեգգոտին, գոգնոցի տակից դուրս նայելով։ ― Բայց նա այդ մասին մի բառ անգամ չի ասել ինձ։ Եվ լավ է անում, որ չի ասում։ Երևի գիտի, թե ինչ ապտակ կստանար ինձանից։

Պեգգոտիի երեսը կրակի նման վառվել էր, բայց նա կրկին գոգնոցով ծածկեց և նորից քրքիջ հանեց։ Այսպես արեց երեք անգամ և հետո միայն շարունակեց ճաշը։

Ես նկատեցի, որ թեպետ մայրիկս ծիծաղում է Պեգգոտիի վրա նայելիս, բայց ավելի լուրջ ու մտախոհ է, քան առաջ։ Այս փոփոխությունը հենց սկզբից դիպել էր աչքիս։ Նրա երեսը, թեև առաջվա պես սիրուն էր, բայց արդեն գունատ էր ու հոգսերով մաշված, իսկ նիհար ու սպիտակ ձեռքերի կաշին համարյա թե թափանցիկ էր։ Սակայն մի ուրիշ փոփոխություն էլ դիպավ աչքիս․ այդ նրա խոսելու և շարժվելու եղանակն էր, որ այժմ անհանգիստ ու երերուն էր դարձել։ Վերջապես նա աջը մեկնեց և հավատարիմ հին աղախնու ուսին դնելով՝

― Պեգգոտի, սիրելլիս, դու հո մարդու չե՞ս գնա, ― ասաց։

― Ե՞ս, ե՞ս մարդու գնամ, ― գոչեց Պեգգոտին, աչքերը չռելով։ ― Տերը փրկի, ազատի։

― Այժմ էլ հո չե՞ս գնա, ― կրկնեց մայրս։

― Երբեք, ― աղաղակեց Պեգգոտին։

Մայրս նրա ձեռքը բռնեց և ասաց․

― Մի թողնիր ինձ, Պեգգոտի։ Մնա իմ մոտ։ Գուցե երկար չանի այդ։ Ի՞նչ պիտի անեմ ես առանց քեզ։

― Ես ձեզ թողնե՞մ, սիրելի տիկին։ Տեր ողորմյա, ― գոչեց Պեգգոտին։ ― Ինչ էլ որ տան ինձ աշխարհում, ձեզ չեմ թողնի։ Եվ որտեղի՞ց է ձեր փոքրիկ գլուխը մտել այդ բանը։

Պեգգոտին գիտեր երբեմն այնպես խոսել մորս հետ, կարծես թե նա երեխա լիներ։ Մայրս միայն շնորհակալություն հանտնեց և ուրիշ բան չասաց, իսկ Պեգգոտին շարունագեց արագ֊արագ և տաք֊տաք․

― Ես ձեզ թողնե՞մ։ Խնդրեմ ասացեք, ո՞ր քամին ձեր խելքին փչեց այդ բանը։ Պեգգոտին քեզնից հեռանա՞։ Այ տեսնելու բան։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ― ասաց Պեգգոտին, գլուխը ցնցելով և ձեռքերը կրծքին ծալելով։ ― Ո՛չ, Պեգգոտին չի հեռանա, միամիտ կացեք, սիրելի՛ս։ Ես գիտեմ, կան այստեղ այնպիսի կատուներ, որոնք կուրախանան, եթե նա փախչի․ բայց նա չի փախչի և այդ ուրախությունը չի տա նրանց։ Իհարկե, դժգոհ կմնան, բայց ես հողել եմ նրանց գլուխը, ես մինչև պառավելս չեմ բաժանվի ձեզանից։ Իսկ երբ պառավեմ, խլանամ, կուրանամ, թուլանամ, բոլորովին անպետք դառնամ, կերթամ իմ Դեվիի մոտ ու կխնդրեմ, որ ինձ իր մոտ ընդունի։

― Եվ ես ուրախությամբ կընդունեմ քեզ, Պեգգոտի, ― ասացի ես։ ― Վստահ եղիր, որ թագուհու պես կընդունեմ քեզ։

― Հոգյակ իմ, ես այդ գիտեմ, ― գոչեց Պեգգոտին։ ― Աստված քո սիրտն անարատ պահի։

Եվ նա առաջուց համբուրեց ինձ՝ իմ ապագա ասպնջակության համար։ Հետո նորից գլուխը գոգնոցով ծածկեց և էլի մի անգամ կուշտ ծիծաղեց մր․ Բարկիսի հասցեին։ Այդ էլ վերջացնելուց հետո՝ իր գիրկն առավ երեխային և որոշ ժամանակ գգվեց նրան։ Հետո սեղանը հավաքեց և ապա նա եկավ՝ արդեն մի ուրիշ գլխանոցով, ձեռագործի տուփը թևի տակ բռնած, հետն էլ մետրը և մոմի կտորը․ իսկ և իսկ առաջվա պես։

Նստեցինք կրակի առջև և սկսեցինք զվարթ֊զվարթ խոսել իրար հետ։ Ես պատմեցի, թե ինչպիսի խիստ տեսուչ է մր․ Կիրկլը, և ունկնդիրներս հոգով֊սրտով ցավակցություն հայտնեցին ինձ։ Պատմեցի, թե որ աստիճան լավ տղա է Ստիրֆորթը և ինչպես նա ինձ տեր է կանգնում, և Պեգգոտին ասաց, թե սիրով պատրաստ է քսան մղոն հետիոտն անցնել, միայն թե կարենար տեսնել նրան։ Փոքրիկ մանուկը որ արթնացավ, ես նրան գիրկս առա ու փայփայեցի։ Իսկ երբ նա նորից քուն մտավ, հանդարտ նստեցի մորս մոտ, ինչպես որ անում էի երբեմն, փարվեցի գրկին, վառված այտս ուսին դրի, և նրա սիրուն մազերը դարձյալ հրեշտակի թևի նման հովանի եղան իմ գլխին․․․ Արդարև ես երջանիկ էի։

Վառարանի հանդեպ, բորբոքուն կրակի զանազան ձևերը դիտելով, այսպես նստած միջոցիս թվում էր ինձ, թե ոչ մի ժամանակ չեմ հեռացել մեր տանից, թե մր․ Մեորդստոնը և միս Մեորդստոնը ճիշտ այդպիսի ձևեր են և բոցերը մարելուն պես կանհետանան, և թե իմ հիշած բաներից ոչ մեկը իրականում գոյություն չունի, բացի մորիցս, Պեգգոտիից ու ինձնից։

Պեգգոտին մի գուլպա էր կարկատում, քանի որ կարող էր բան տեսնել․ հետո ձախ ձեռքը գուլպայի մեջ մտցրած և աջով ասեղը բարձր բռնած սպասեց, մինչև որ կրակը նորից վառվի։ Չեմ կարող հասկանալ, թե Պեգգոտին ո՞ւմ գուլպաներն էր միշտ կարկատում, կամ որտեղի՞ց էր առաջ գալիս այդ՝ կարկատանի կարոտ գուլպաների անսպառ, անվերջ պաշարը։ Իմ մանկության հենց առաջին օրերից տեսել էի նրան ձեռագործի այդ տեսակով միայն զբաղված, և ոչ երբեք մեկ ուրիշով։

― Շատ կուզենայի իմանալ, ― ասաց Պեգգոտին, որ խոսելու մարմաջ զգալով սովոր էր միանգամայն անսպասելի բաներ հարցնել, ― կուզենայի իմանալ, թե ի՞նչ է անում Դեվիի տատը։

― Տեր ողորմյա, ― ասաց մայրս մտմտուքից սթափվելով։ ― Այդ ի՞նչ հիմար հարցմունք է։

― Հիմար է, թե հիմար չէ, բայց իրավ կուզեի իմանալ։

― Որտեղի՞ց միտքդ ընկավ այդ տատը։ Մի՞թե հիշելու ուրիշ մարդ չկար։

― Ինքս էլ չգիտեմ՝ որտեղից, ― ասաց Պեգգոտին։ Իմ հիմար գլուխը մտքեր ընտրել չգիտի։ Երբ կամենան, գալիս են, երբ կամենան՝ հեռանում։ Ցանկալի էր իմանալ, թե ի՞նչ եղավ այն տատը։

― Շատ անմիտ ես, Պեգգոտի, ― կրկնեց մայրս։ ― Մի՞թե կցանկանայիր, որ նա նորից այստեղ գար։

― Աստված փրկի, ազատե, ― գոչեց Պեգգոտին։

― Ուրեմն այդպիսի անախորժ բաներ մի՛ էլ հիշի։ Միս Բեթսին երևի փակվել է իր ծովեզրյա տնակում և այնտեղ էլ կմնա։ Համենայն դեպս չեմ կարծում, որ նորից գա մեզ վրդովելու։

― Ես էլ եմ կարծում, թե չի գա, ― ասաց Պեգգոտին՝ այս անգամ մտամոլոր եղանակով։ ― Հարկավ չի գա․․․ Միայն կուզենայի իմանալ, թե մեռնելիս ի՞նչ կթողնի Դեվիին։

― Իրավ խենթ ես, Պեգգոտի, որ այդպիսի բաներ ես անցկացնում մտքովդ։ Մի՞թե չգիտես, որ մեր Դեվիի ծնվելն անգամ զայրացրել էր այդ տատին։

― Իսկ այժմ հո ավելի շատ բարկացած կլինի Դեվիի վրա, ― ասաց Պեգգոտին։

― Իսկ ինչո՞ւ անպատճառ այժմ։

― Որովհետև այժմ եղբայր ունի։

Մայրիկս սկսեց լաց լինել ու նեղանալ Պեգգոտիի վրա, որ համարձակվում էր այսպիսի բան ասել։

― Ինչո՞վ է հանցավոր քո դեմ այս անմեղ մանուկը, ― գոչեց նա։ ― Ի՞նչ վատություն է արել քեզ և կամ ուրիշին, ա՜յ նախանձոտ Պեգգոտի։ Ա՜յ անամոթ։ Դու ավելի լավ կանեիր, եթե մարդու գնայիր․․․ Ինչպե՞ս է նրա անունը․․․ այն մր․ Բարկիսին։ Եվ ինչո՞ւ չես ուզում նրան։

― Չեմ ուզում, որովհետև այդ բանը շատ կուրախացներ միս Մեորդստոնին, ― վրա բերեց Պեգգոտին։

― Ի՜նչ չար ես, Պեգգոտի, ― ասաց մայրս։ ― Մի՞թե ծիծազելի չէ, որ այդքան նախանձում ես միս Մեորդստոնին։ Ուզում ես, որ բոլոր բանալիները քո ձեռքին լինեն և ամբողջ տնտեսությունը ինքդ վարես։ Հասկանում եմ քո միտքը։ Բայց մի՞թե չգիտես, որ միայն մեզ սիրելուց է տնտեսությունը հանձն առել, դու գիտես, և լավ գիտես, թե նա որքան բարի է։

― Կորչի նրա բարությունը, ― փնթփնթաց Պեգգոտին, ավելացնելով և մի ուրիշ խոսք, որի միտքը չհասկացա։

― Հասկանում եմ ասելիքդ, ա՜յ պնդերես կին, ― շարունակեց մայրս։ ― Քեզ էլ հայտնի է, Պեգգոտի, որ ես լավ եմ հասկանում։ Ուրեմն ինչպես դու չես կարմրում ամոթից։ Այժմ դարդդ միս Մեորդստոնն է, Պեգգոտի։ Այո՛, այդ չես կարող ուրանալ։ Սակայն մի՞թե հարյուր անգամ չես լսել նրանից, որ ես, իր կարծիքով, շատ անհոգ եմ և․․․ և շատ․․․

― Եվ շատ սիրուն, ― թելադրեց Պեգգոտին։

― Դիցքուկ թե, ― ասաց մայրիկս կես֊ժպիտով։ ― Ես ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ մասին այդպիսի հիմար կարծիք ունեն։

― Ո՞վ է ասում, թե մեղավոր եք։

― Հարկավ ոչ ոք։ Չէ՞ որ հարյուր անգամ լսած կլինես նրանից, թե հատկապես դրա համար է ուզում ազատել ինձ տնտեսության հոգսերից։ Նրա կարծիքով ես ընդունակ չեմ տան գործերը հոգալու։ Ես ինքս էլ հո վստահ չեմ, թե կարող եմ հոգալ։ Եվ չե՞ս տեսնում, որ առավոտվանից մինչև գիշեր ոտքի վրա է և անդադար պտույտ է գալիս, միշտ դիտելով ամեն բան, մտնելով ամեն ծակ ու ծուկ, ածխատուն, մառան, սարդափ, շտեմարան և չգիտեմ, թե էլ ո՞ւր, և դու համարձակվում ես բամբասել, թե նա մեզ նվիրված չէ։

― Ամենևին չեմ բամբասել, ― ասաց Պեգգոտին։

― Ինչպե՞ս չէ, ― կշտամբեց նրան մայրիկս։ ― Քո բանն ու գործը միայն այդ է, այդ քեզ զվարճություն է պատճառում։ Իսկ երբ խոսում ես մր․ Մեորդստոնի բարի֊բարի դիտավորությունների մասին․․․

― Այդ մասին ոչ մի ժամանակ չեմ խոսել։

― Այո, չես խոսել, բայց շարունակ հեգնել ես, ― ասաց մայրիկս։ ― Եվ այդ է քո վատ կողմը։ ― Դու անդադար հեգնում ես։ Այս րոպեիս ասացի, որ հասկանում եմ քեզ, Պեգգոտի, և կարդում եմ սրտիդ մեջ եղածը, ինչպես ինքդ էլ լավ գիտես։ Մր․ Մեորդստոնի բարի֊բարի դիտավորությունների մասին խոսելիս՝ փոխանակ հեգնելու նրան, ինչպես որ միշտ սովոր ես անել (մինչդեռ գիտեմ, որ սրտիդ խորքում հարգում ես նրան), ― դու ինձ նման պիտի համոզված լինես, որ նրա դիտավորություններն ու նպատակները բոլորովին ազնիվ են։ Եթե փոքր֊ինչ խիստ է վարվում մեկի հետ․․․ դու հասկանում ես ինձ։ Պեգգոտի, Դեվին էլ անշուշտ կհասկանա, որ խոսքս իր մասին չէ․․․ կհասկանա, որ այդ խստության նպատակն է օգտավետ լինել այն մեկին։ Ինչպես որ նա ինձ է սիրում, այնպես էլ սիրում է այն մեկին և նրան բարիք կամենում։ Իսկ թե ո՞րն է բարի, ո՞րն է չար, նա հարկավ ինձնից ավելի լավ գիտի, որովհետև հաստատակամ, խոհուն ու լուրջ տղամարդ է, իսկ ես մի թույլ, անմիտ, թեթևսոլիկ արարած եմ։ Եվ որքա՞ն չարչարվում է իմ պատճառով, ― շարունակեց մայրիկս, և նրա այտերը սրտից հոսող արտասուքով թրջվեցին։ ― Ես շատ ու շատ երախտապարտ եմ դեպի նա և պարտավոր ամեն բանում հնազանդվել նրան, հոգով֊սրտով հնազանդվել։ Սակայն մեկ տեսնեիր, Պեգգոտի, թե որքան եմ մաշվում ու կշտամբում ինձ, որ չեմ կարողանում լավ կատարել այս սրբազան պարտքերը։ Այս պատճառով ես թշվառ եմ համարում ինձ և չգիտեմ ի՞նչ անեմ։

Պեգգոտին գուլպայի կրունկն իր կզակին դնելով, լուռ նայում էր կրակին։

― է՜հ, Պեգգոտի, ― ասաց մայրիկս, ձայնը փոխելով, ― էլ չկռվենք իրար հետ, ես չեմ կարող թշնամություն համբերել։ Դու իմ հավատարիմ ընկերն ես։ Եթե երբեմն ծիծաղելի, անամոթ, ու խենթ եմ անվանում քեզ, ապա բոլորի իմաստը միայն այն է, որ դու հավատարիմ ընկեր ես, միշտ էլ ինձ ընկեր ես եղել՝ սկսած այն երեկոյից, երբ մր․ Կոպպերֆիլդը առաջին անգամ տուն բերեց ինձ, և դու պարտեզի դռնակի մոտ իմ գալուստը ողջունեցիր։

Պեգգոտին չհապաղեց ընդունել այս հաշտության դաշինքը, որ և կնքվեց մի ջերմ ու պինդ համբյուր տալով ճակատիս։ Ես կարծում եմ, թե հենց սկզբից, հասկացել էի վերոհիշյալ խոսակցության իմաստը, իսկ այժմ հավաստի եմ, որ բարեսիրտ Պեգգոտին դիտությամբ էր գրգռում մայրիկիս, որպեսզի նա, հանդիմանելով աղախնուն, սիրտը փոքր֊ինչ հովացնի։ Եվ նա հասավ իր նպատակին, որովհետև մայրիկս արդեն հանգիստ էր, և Պեգգոտին չէր դիտում նրան զննող հայացքով։

Թեյից հետո, երբ Պեգգոտին կրակը բորբոքեց ու մոմերը վառեց, ես կարդացի նրան մի գլուխ կոկորդիլոսների գրքից, որ նա հանել էր իր գրպանից (չիմացա, թե մի՞շտ էր պահել գրպանում)․ հետո սկսեցինք Սալեմ Հաուսի մասին խոսել և վերջապես անցանք Ստիրֆորթին, որին գովելուց չէի կարողանում կշտանալ։ Մենք լիովին երջանիկ էինք, և այդ երեկոն, վերջին երեկոն, որով մանկական կյանքիս այդ շրջանը կնքվելու էր, հավիտյան անջինջ կմնա մտքիս մեջ։

Ժամը մոտ տասին անիվների դղրդյուն լսվեց։ Մենք վեր կացանք, և մայրիկս արագ ասաց ինձ, թե արդեն ուշ է, թե մր․ Մեորդստոնն ու նրա քույրը խորհուրդ են տալիս, որ տղաները վաղ պառկեն, և թե ինձ էլ ժամանակն է քնելու։ Ես համբուրեցի նրան ու մի մոմ բռնած վերի հարկը բարձրացա։ Իմ ննջարանը մտնելիս լսեցի մր․ Մեորդստոնի ու նրա քրոջ տուն գալը և ինձ այնպես թվաց, թե նրանք մի սառ քամի բերին իրենց հետ, որ մի վայրկյանում փչեց֊տարավ մեր հին հարկի ընտանեկան ջերմությունը։

Առավոտյան նախաճաշի կանչեցին ինձ, և ես ակամա վայր իջա, որովհետև մր․ Մեորդոստոնի աջը կծելուց ի վեր ոչ մի անգամ չէի տեսել նրան։ Դեռ ճաշարանը չմտած՝ մի քանի անգամ կանգ առա, ետ դարձա, նորից իջա․ բայց վերջապես պետք էր մտնել, և մտա։

Նա կանգնած էր մեջքը կրակին դարձրած․ միս Մեորդստոնը թեյ էր ածում։ Մր․ Մեորդստոնը ինձ տեսնելով շիտակ վրաս նայեց, բայց ոչ մի շարժումով ցույց չտվեց, թե ճանաչում է ինձ։

Րոպեական վարանումից հետո մոտեցա նրան և ասացի․

― Ներեցեք, սըր, շար եմ ափսոսում արարքիս համար և հուսով եմ, որ կներեք ինձ։

― Գոհ եմ, որ զղջացել ես, Դավիթ, ― ասաց նա։

Նա մեկնեց ինձ այն ձեռքը, որ ես կծել էի։ Աչքս ակամա մի վայրկյան հառած մնաց այն կարմիր սպիի վրա, որ դեռ երևում էր․ սակայն ես սպիից ավելի կարմրեցի, երբ նրա խոժոռ դեմքն աչքիս դիպավ։

― Բարով ձեզ, օրիորդ, ― ասացի ես, միս Մեորդստոնին դիմելով։

― Ա՜հ, ― հառաչեց միս Մեորդստոնը և մատների փոխարեն թեյի քամիչը մեկնելով ինձ, հարցրեց․ ― Որքա՞ն է տևում ձեր արձակուրդը։

― Մեկ ամիս, օրիորդ։

― Ո՞ր օրվանից սկսած։

― Այսօրվանից։

― Ուրեմն արդեն կարելի է մեկ օրն անցած համարել, ― ասաց միս Մեորդստոնը։

Նա առավ օրացույցը և մատիտով գծեց այդ օրը, և այնուհետև ամեն առավոտ հաշվից հանում էր մի֊մի օր։ Սկզբում, մինչև տասը թվին հասնելը, այս գործողությունը տհաճությամբ էր կատարում, բայց տասից հետո հաճությամբ, իսկ վերջին թվերին հասնելիս՝ զվարճությամբ։

Հենց գալուս առաջին օրը դժբախտություն ունեցա չարաչար վախեցնելու միս Մեորդստոնին, թեև նրա երկաթե սիրտն այդպիսի թուլության ենթակա չէր։ Ես մտա այն սենյակը, ուր նա նստած էր մորս հետ։ Փոքրիկ մանուկը, որ մի քանի շաբաթական էր, հանգչում էր մորս գոգում։ Զգուշությամբ վերցրի նրան և սկսեցի գգվել։ Հանկարծ միս Մեորդստոնը այնպես ճվաց, որ քիչ էր մնում մանուկն ընկներ իմ գրկից։

― Ի՞նչ եղավ ձեզ, սիրելի Ջեննի, ― գոչեց մայրս։

― Տեր իմ աստված, մի՞թե չես տեսնում, Կլարա, ― աղաղակեց միս Մեորդստոնը։

― Ի՞նչ տեսնեմ, որտե՞ղ տեսնեմ։

― Ա՛յ տես, տղան վերցրեց երեխային։

Միս Մեորդստոնը քար էր կտրել սարսափից, բայց և այնպես տեղից թռավ ու վրաս նետվելով, գրկիցս խլեց երեխային։ Հետո սիրտը գնաց, դալկացավ․ նրան կեռասի օշարակ տվին։ Ուշքի որ եկավ, հանդիսաբար հրամայեց ինձ, որ ոչ մի առթիվ և երբեք չհամարձակվեմ եղբորս դիպչել, և խեղճ մայրիկս, որի ցանկությունը հարկավ այդ չէր, հեզաբար նրա արգելքը հաստատեց, ասելով․

― Ձեր պահանջը, հարկավ հիմնավոր է, սիրելի Ջեննի։

Մի ուրիշ անգամ էլ, երբ երեքս միասին նստած էինք, այդ իսկ անմեղ մանուկը (որին սաստիկ սկսել էի սիրել մորս սիրուն) միս Մեորդստոնի ահեղ բարկության պատճառ դարձավ։ Մայրիկս նայում էր իր ծնկների վրա պառկած երեխայի աչքերին։

― Դեվի, հապա մոտեցիր, ― ասաց նա ինձ և իմ աչքերի մեջ էլ նայեց։

Միս Մեորդստոնը մի կողմ դրեց իր ուլունքը։

― Իրավ, որ իրար շատ նման են, ― ասաց մայրս մեղմ ձայնով։ ― Սրանց աչքերն իմի պես են, գույնն էլ ճիշտ իմի գույնն է։ Ի՜նչ զարմանալի նմանություն։

― Այդ ի՞նչ բանի մասին ես խոսում, Կլարա, ― հարցրեց միս Մեորդստոնը, տեղից բարկությամբ վերկենալով, ― դու, կարծեմ, երբեմն խելքդ իսպառ թռցնում ես։

― Սիրելի Ջեննի, ― թոթովեց մայրս։

― Այո, բոլորովին թռցնում, ― կրկնեց միս Մեորդստոնը։ ― Ո՞ւմ մտքով երբևիցե կանցներ իմ եղբոր երեխային քո որդու հետ համեմատել։ Ի՞նչ նմանություն։ Նմանության հետք էլ չկա։ Բոլորովին տարբեր են, ամեն բանով տարբեր, միշտ էլ տարբեր կմնան։ Ես չեմ ուզում այստեղ նստել և այդպիսի համեմատություններ լսել։

Ասաց և սիգաճեմ դուրս գնաց, դուռը հետևից շրխկացնելով։

Կարճ ասած՝ ես ցանկալի չէի միս Մեորդստոնին, ոչ ոքի էլ ցանկալի չէի։ Ինձ իրոք սիրողները չէին համարձակվում սեր արտահայտել, իսկ ատողներն այդ զգացումն այնպես պարզ էին ցույց տալիս, որ մնում էի վարանած և ապուշի նման միշտ անշնորհք ու տրտում։

Տեսա, որ ես ամենքի համար բեռ եմ, ինչպես նրանք էլ ինձ համար։ Իմ պատճառով տան հանգստությունը խանգարվել էր։ Հենց որ ես ներս էի մտնում նրանք խոսակցության միջոցին, փոքր֊ինչ առաջ զվարթ երևացող մորս դեմքը հանկարծ վշտի ամպով սքողվում էր։ Եթե մր․ Մեորդստոնի տրամադրությունը լավ լիներ, իմ երևալը միանգամից նրան կաշկանդում էր․ իսկ եթե միս Մեորդստոնը որևէ բանից դժգոհ լիներ, ինձ տեսնելով ավելի էր զայրանում։ Հասկանում էի, որ մայրիկս նրանց շրջանում մի զոհ է, որ նա չի համարձակվում ինձ սեր ցույց տալ, որովհետև վախենում է, որ նրանք կվիրավորեն և հետո իրեն կհանդիմանեն։ Նա հարատև տագնապի մեջ էր, երկյուղ կրելով, որ կամ ինքը մի դառնություն կհասցնի նրանց և կամ թե ես մի որևէ տհաճության տեղի կտամ։ Իմ ամենաթեթև շարժումից անգամ նա դողալով մտիկ էր տալիս նրանց աչքին։ Ուստի ես վճռեցի ըստ կարելույն հեռու մնալ նրանց շրջանից, և այսպես իմ տխուր ննջարանում առանձնացած՝ ձմեռվա շատ ու շատ ժամեր անցկացրի, որևէ գիրք կարդալով։

Երբեմն֊երբեմն, երեկոյան դեմ, իջնում էի Պեգգոտիի խոհանոցը և նրա հետ ժամանակ անցկացնում։ Այնտեղ սիրտս հանգիստ էր, ես ազատ էի շունչ քաշում։ Սակայն այս հնարներից ոչ մեկն էլ դահլիճի բնակիչներին դուր չէր գալիս։ Այնտեղ տիրող հալածանքի ոգին երկուսիս վրա էլ արգելք դրեց։ Իմ ներկայությունը դեռ անհրաժեշտ էր մորս կրթությունը լրացնելու համար, ուստի և չէր կարելի թույլ տալ ինձ, որ բացակա լինեմ։

Մի երեկո, մինչ ուզում էի սովորությանս պես ճաշից հետո հեռանալ, մր․ Մեորդստոնն ասաց․

― Դավիթ, ես շատ դժգոհ եմ, որ դու միշտ մռայլ ես։

― Եվ արջի նման մռմռան, ― ավելացրեց միս Մեորդստոնը։

Ես գլխիկոր կանգնած էի։

― Մեկ ընդմիշտ իմացիր, Դավիթ, ― շարունեկեց մր․ Մեորդստոնը, ― որ մռայլ ու դաժան բնութից վատ բան չկա։

― Եվ դրա նման ստամբակ ու համառ տղա՝ ես օրումս չեմ տեսել, ― նկատեց քույրը։ ― Սիրելի Կլարա, կարծեմ դու էլ դիտել ես այդ։

― Խնդրեմ ներեցեք, սիրելի Ջեննի, ― ասաց մայրիկս, ― սակայն վստա՞հ եք․․․ ներեցեք համարձակությանս․․․ արդյոք հավաստի՞ եք, որ լավ եք ճանաչում Դեվիին։

― Զարմանում եմ, Կլարա, քո հարցումից, ― պատասխանեց միս Մեորդստոնը։ ― Ես ինքս ինձից կամաչեի, եթե չկարողանայի որևէ տղայի, քոնի և կամ ուրիշի, բնավորությունը հասկանալ։ Շատ խորատես լինելու հավակնություն ես չունեմ, բայց, փառք աստծո, առողջ խելքից հո զուրկ չեմ։

― Անտարակույս, սիրելի Ջեննի, ձեր խելքը շատ թափանցող է։

― Ո՛չ, ո՛չ։ Խնդրեմ, Կլարա, այդպիսի բաներ մի՛ ասի, ― գոչեց բարկությամբ միս Մեորդստոնը։

― Սակայն գիտեմ, և ամեն մարդ գիտի, ― շարունակեց մայրիկս, ― որ դուք շատ կորովի խելքի տեր եք։ Եվ ես այնքան օգուտ եմ քաղում ձեր խելքից (գոնե պարտավոր եմ օգուտ քաղել), որ ոչ ոք չի կարող ինձնից ավելի ճանաչել նրան։ Ուստի եթե հանդգնում եմ կարծիք հայտնել․․․

― Ասել, թե ես չեմ հասկանում քո որդուն, ― ընդհատեց միս Մեորդստոնը, իր դաստակի շղթան շարժելով։ ― Դիցուկ թե, Կլարա, չեմ հասկանում։ Դիցուք թե այդ էակն անհասանելի է իմ տկար մտքին։ Բայց գուցե եղբորս սուր միտքն ընդունակ լինի ըմբռնելու դրա բնավորությունը։ Եվ կարծեմ նա հենց այդ մասին էլ մտադիր էր բան ասել, երբ մենք կոպիտ կերպով նրա խոսքի թելը կտրեցինք։

― Կլարա, ― ասաց մր․ Մեորդստոնը ծանր ու լուրջ եղանակով, ― կարծում եմ, որ մի այդպիսի խնդիր քննելու համար այստեղ կարող էին քեզնից ավելի իրազեկ դատավորներ գտնվել և քեզնից ավելի անաչառ։

― Էդուարդ, ― ասաց մայրս հեզաբար, ― տարակույս չկա, որ ամեն խնդրում դու ավելի ձեռնհաս դատավոր ես, քան թե ես։ Այդպես է և Ջեննին։ Ես ուզում էի միայն ասել․․․

― Դու միայն թե թույլ, անիմաստ բան ասացիր, սիրելիս։ Խնդրեմ այսուհետև զգուշացիր և ավելի ուշադիր եղիր ասածդ բանին։

Մորս շուրթերը դողացին։ Կարծես թե ուզում էր ասել․ «Այո, այո, սիրելի Էդուարդ», բայց ոչինչ չպատասխանեց։

― Ցավում եմ, Դավիթ, ― ասաց մր․ Մեորդստոնը, վրաս շիլ֊շիլ նայելով, ― որ դու այդպիսի դաժան ու մռայլ բարք ունես։ Ես չեմ կարող հանդուրժել, որ իմ առջև այդպիսի բնավորություն զարգանա, և պետք կհամարեմ մի դարման գտնել դրա դեմ։ Դու էլ աշխատիր ուղղվել։ Մենք բոլորս կաշխատենք։

― Ներեցեք, սըր, ― թոթովեցի ես։ ― Գալուցս ի վեր դաժան կամ մռայլ չեմ եղել։

― Ստախոսության մի՛ դիմիր, սըր, ― գոչեց նա մի այնպիսի զայրույթով, որ մայրս մեքենաբար ձեռք մեկնեց ինձ՝ մեզ իրարից բաժանելու համար։ ― Դու գիտությամբ ես առանձնանում քո սենյակը, գիտությամբ ես ջոկվում մեզնից, մինչ պարտական ես այստեղ լինել, և ոչ այնտեղ։ Այս է ահա իմ պատվերը։ Բացի այս, պահանջում եմ, որ դու միշտ հնազանդ ու հլու լինես։ Դու հո ինձ ճանաչում ես, Դավիթ։ Ասածս պիտի կատարվի։

Միս Մեորդստոնը մի խռպոտ քրքիջ արձակեց։

― Ես պահանջում եմ, ― շարունակեց մր․ Մեորդստոնը, ― որ դու խոնարհ, պատրաստակամ ու արթուն լինես իմ առջև, Ջեննի Մեորդստոնի առջև և մորդ առջև։ Չեմ կամենում, որ մի մանկական քմահաճույքով խույս տաս, խորշես այս սենյակից, իբրև մի ժանտահար տեղից։ Նստի՛ր։

Նա հրամայեց ինձ իբրև մի շան, ես էլ հնազանդվեցի իբրև շուն։

― Էլի մի բան, ― ասաց նա։ ― Նկատել եմ, որ ստոր ու գռեհիկ ընկերության հակամետ ես։ Արգելում եմ քեզ ծառաների հետ ընկերանալ։ Խոհանոցը չի բարվոքի այն բազմաթիվ թերություններդ, որ ուղղվելու կարոտ են։ Գալով այն կնոջը, որ քեզ շարունակ երես է տալիս, բան չեմ ասի․ քանի որ ինքդ էլ, Կլարա, ― շարունակեց նա մորս դիմելով, ― հին սովորությամբ և անտեղի ֆանտազիայով մի այնպիսի համակրություն ես շնորհում նրան, որ վաղուց պետք էր դեն ձգել։

― Անհասկանալի, աններելի մոլորություն, ― գոչեց միս Մեորդստոնը։

― Կասեմ միայն, ― ասաց մր․ Մեորդստոնը, խոսքը վերըստին ինձ ուղղելով, ― թե ինձ ախորժելի չէ մրս․ Պեգգոտիի հետ ընկերանալդ և թե դու պարտավոր ես ետ քաշվել այդ տեսակ ընկերություններից։ Այժմ, Դաիվթ, դու ինձ լավ ես հասկանում և գիտես, թե ինչ կլինի հետևանքը, եթե հրամանս բառ առ բառ չկատարես։

Ես այդ հետևանքը գիտեի գուցե նրա կարծածից լավ, գոնե մորս վերաբերմամբ, ուստի և կետ առ կետ կատարեցի հրամանը։ Այնուհետև իմ սենյակը չէի քաշվում, այլևս Պեգգոտիի մոտ ապաստան չէի որոնում, այլ ամեն օր և երեկո նստում էի դահլիճում, անհամբեր սպասելով, որ գիշերը վրա հասնի և իրավունք ունենամ ննջարանս մտնելու։

Ի՜նչ սոսկալի բռնադատություն էր ամբողջ ժամերով միևնույն դիրքը պահպանել, անշարժ նստել, որպեսզի առիթ չտամ միս Մեորդստոնին տրտնջալու, թե իր հանգիստը խանգարում եմ, ինչպես որ միշտ սովոր էր անել՝ հենց որ փոքր֊ինչ ձեռքս կամ ոտքս շարժեի․ չհամարձակվել մինչև անգամ աչքս բարձրացնել, վախենալով, որ չհանցիպի մի բծախնդիր ու արհամարհոտ հայացքի, որ պատրաստ էր գանգատվելու նոր առիթ գտնել իմ մեջ։ Ի՜նչ անտանելի, դժնակ բան էր նստել, լսել ժամացույցի միակերպ չիկ֊չիկը․ շարունակ դիտել միս Մեորդստոնի ուլունքների դերձանի վրա անցվելը․ մտքով հարցնել, թե արդյոք ե՞րբ նա մարդու կերթա, և եթե գնա, ո՞վ կլինի այդ թշվառ մարդը․ վերջապես վառարանի զարդերը համրել և որմերի գույնզգույն վիժակները մտամոլոր աչքի անցենլ։

Որքա՜ն ձանձրալի էին իմ միայնակ զբոսանքները ձմեռվա վատ եղանակին, տղմուտ, ցեխոտ շրջակայքում, ուր երևակայությամբ հետս էի տանում մեր դահլիճը՝ հանդերձ միս Մեորդստոնի, այդ ճնշից բեռով, որ չէի կարողանում թոթափել, այդ գարշելի ճիվաղով, որ ընկճում, խեղդում, բթացնում էր իմ միտքը։

Որքա՜ն ճաշեր ես կերա տագնապալից լռությամբ, միշտ զգալով, թե մի ավելորդ ափսե կա, և դա իմն է․ մի ավելորդ ախորժակ կա, և դա իմն է․ մի ավելորդ բաժին կա, և դա իմն է․ մի ավելորդ աթոռ կա, և դա իմն է․ մի ավելորդ մարդ է նստած, և այդ ես եմ։

Ի՜նչ երեկոներ․․․ երբ ճրագները վառելուն պես հրամայում էին ինձ մենակ պարապել։ Ինձ արգելված էր որևէ հետաքրքրական գիրք կարդալ, և ես չարաչար մաշվում էի անմարսելի, ծանր ու չոր թվաբանական խնդիրների վրա, որոնց թվերն ու չափերը երգի էին փոխվում մտքիս մեջ, որոնց օրենքներն ու կանոնները չէին ուզում գլուխս մտնել, և կամ մի ականջովս մտնում էին և մյուսով դուրս թռչում։

Որքա՜ն հորանջներ էի արձակում՝ հակառակ իմ ջանքերին․ որքա՜ն ցնցումներ զսպում, հանկարծական նիրհ զգալիս։ Ինչպե՜ս կարճ էին պատասխան տալիս իմ պատահական հարցերին։ Ինչպե՜ս չնչին ու աննշան, բայց և նեղիչ զրոյի տեղ էին դնում ինձ, և որքա՜ն ես սփոփվում էի, երբ ժամը ինը խփելուն պես՝ միս Մեորդստոնը հրամայում էր ինձ․ գնա քնի՛ր։

Այսպես դանդաղ, համր անցավ արձակուրդը։ Վերջապես մի առավոտ միս Մեորդստոնն ասաց․

― Վերջին օրն էլ ահա հասավ։

Եվ այս ասելով․ վերջին բաժակ թեյը տվեց ինձ։

Այս անգամ մայրական տնից բաժանվելը սրտիս դառը չէր թվում։ Ես ընկել էի մի անզգա թմրության մեջ, որից փոքր֊ինչ սթափվեցի Ստիրֆորթին տեսնելու մխիթարիչ հույսով, թեպետ և մր․ Կրիկլն էր նշմարվում նրա պատկերի հետևից։ Ահա դարձյալ մր․ Բարկիսը պարտեզի դռան մոտ և դարձյալ միս Մեորդստոնի սաստիկ ձայնը․ «Կլարա, երբ որ մայրս կռացավ ինձ համբուրելու և բարի ճանապարհ մաղթելու։

Ես էլ համբուրեցի թե՛ նրան և թե՛ մանուկ եղբորս և վերին աստիճանի տրտմեցի, բայց ոչ թե այն պատճառով, որ նրանից հեռանում եմ․ մեզ բաժանող անդունդը վաղուց արդեն բացված էր և ամեն օր լայնանում էր․․․ Շատ ջերմ էր, շատ սրտագին նրա համբույրը, սակայն դարձայլ դա չէ, որ մինչև այսօր վառ է մնացել մտքիս մեջ, այլ մի ուրիշ բան, որ հաջորդեց այդ համբույրին։

Ես արդեն կառք էի նստել, երբ լսեցի մայրիկիս ձայնը, որ կանչում էր ինձ։ Շուռ եկա․ նա մենակ էր պարտեզի դռան մոտ՝ երեխային բարձր բռնած, որպեսզի կարողանամ նրան տեսնել։ Եղանակը ցուրտ էր, բայց հանդարտ, և մորս գլխի ոչ մի մազը և հանդերձի ոչ մի ծալքը չէր շարժվում, մինչ նա աչքերը վրաս բևեռած նայում էր, փոքրիկ մանկանը բարձր բռնած։

Այդ դրության մեջ կորցրի նրան։ Այդ դիրքով տեսա նրան հետո երազիս մեջ, պանսիոնում։ Լուռ և անշարժ կանգնած էր անկողնուս մոտ, երեխային ամուր գրկած, վրաս ակնապիշ նայելով։

Թ․ գլուխ

Մի անմոռանալի ծննդյան օր


Լռում եմ այն բոլորի մասին, ինչ որ պատահեց միչև մարտ ամսի կեսերը, այսինքն՝ իմ ծննդյան տարեդարձը։ Սակայն չեմ էլ կարող մտաբերել մի ուրիշ բան, բացի այն, որ ես սկսել էի ավելի հափշտակվել Ստիրֆորթով։ Կիսամյակի վերջերը, եթե ոչ ավելի վաղ, նա դպրոցը պիտի թողներ։ Այժմ նա ինձ ավելի անկախ, ավելի զվարթ ու սրամիտ էր երևում, ուրեմն ավելի գրավիչ, քան թե առաջ․ էլ ուրիշ բան չեմ հիշում։ Այդ միջոցին տեղի ունեցած ահագին դեպքի հիշատակը կարծես կլանել, ջնջել է մյուս բոլոր անցքերի հետքը, որպեսզի միայն ինքը մտքումս վառ մնա։

Դժվարանում եմ մինչև անգամ հավատալ, թե Սալեմ Հաուս ետ գալուս օրից մինչև այդ տարեդարձի օրը ճիշտ երկու ամիս անցած լիներ։ Կարող եմ միայն ենթադրել, թե դա մի եղելություն է, եթե ոչ՝ կմնար կարծել, թե արձակուրդի և այդ դեպքի միջև ոչ մի անջրպետ չի ընկել և մեկ դեպքն անմիջապես հետևել է մյուսին։

Այն օրվա եղանակն անգամ միտքս է։ Դեռ ծծում եմ այն մեգը, որ ամեն բան պատել էր․ նշմարում եմ նրա միջով այն եղյամը, որ սավանով ծածկել էր ամեն ծառ ու շինություն․ զգում եմ խոնավ մազերիս կպչելն այտերիս․ տեսնում սեղանների երկար շարքը կիսամութ սերտարանում, ճրագների աղոտ լույսը, որ անզոր է առավոտյան ստվերները փարատել և տղաների շնչից գոյացաղ ոլորապտույտ գոլորշին պաղ օդում, մինչ նրանք շփշփում են պաղ ձեռքերը և ոտներով դոփում գեթ փոքր֊ինչ տաքանալու համար։

Նախաճաշից հետո նոր էինք զբոսավայրից վերադարձել, երբ մր․ Չարպը ներս մտավ և ասաց․

― Դավիթ Կոպպերֆիլդ, ձեզ հարցնում են։ Հյուրասենյակը գնացեք։

Ես սպասում էի Պեգգոտիի ընծայաբեր կողովին և երեսս կարմրեց այդ հրամանը լսելիս։ Հենց որ շտապով վեր կացա, ընկերներիցս մի քանիսը հիշեցրին, որ չմոռանամ իրենց համար էլ բաժին հանել կողովից։

― Այդքան մի՛ շտապեք, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Չարպը, ― դեռ ժամանակ ունեք, սիրելիս, շատ մի՛ շտապեք։

Նրա խոսքերի գորովալիր եղանակն անպատճառ կզարմացներ ինձ, եթե ժամանակ ունենայի ուշք դարձնելու նրա վրա։ Վազելով հյուրասենյակը գանցի։ Այնտեղ սեղանի առջև նստած էր մր․ Կրիկլը իր ճիպոտով ու լրագրով․ այնտեղ էր և մրս․ Կրիկլը, մի բաց նամակ ձեռքին բռնած։ Կողով չկար։ Մր․ Կրիկլը նախաճաշ էր վայելում։

― Դավիթ Կոպպերֆի՛լդ, ― ասաց մրս․ Կրիկլը, հրավիրելով ինձ բազմոց, ինքն էլ կողքիս նստելով։ ― Մի բան ունեմ քեզ հայտնելու, մի առանձին բան, սիրելիս։

― Մր․ Կրիկլը, որին ես երկչոտ աչքով դիտում էի, գլուխը շարժեց՝ առանց իմ վրա նայելու, և մի կտոր հաց կուլ տվեց՝ իր հառաչանքը ծածկելու համար։

― Դու մանուկ ես դեռ, ― ասաց մր․ Կրիկլը, և չես կարող հասկանալ, թե աշխարհս որքան փոփոխական է և մարդկային կյանքը որքան վաղանցուկ։ Սակայն, Դավիթ, բոլորս էլ կոչված ենք այս բանը փորձով հասկանալ։ Ոմանք հասկանում են դեռ մանուկ հասակում, ոմանք ծերության ժամանակ, ոմանք էլ ամբողջ կյանքի ընթացքում։

Ես ուշի֊ուշով նայում էի նրան։

― Երբ դու կաղանդից հետո ուսումնարան վերադարձար, ― շարունակեց նա փոքր֊ինչ լռելուց հետո, ― արդյոք ամենքն էլ ձեր տանը առո՞ղջ էին․․․ Ուզում եմ իմանալ, ― ասաց նա մի երկրորդ լռությունից հետո, ― արդյոք մայրիկդ առո՞ղջ էր։

Ես դողացի, չգիտեմ ինչից, շարունակելով սուր֊սուր դիտել նրա երեսը, սակայն առանց որևէ բան ասելու։

― Որովհետև, ― ասաց նա, ― ցավելով պիտի հայտնեմ, որ այս առավոտ մի նամակ ստացանք Բլենդրոտընից․․․ Գրում են, թե մայրիկդ հիվանդ է, սիրելի Դավիթ, շա՜տ հիվանդ։

Մի մեգ իջավ մրս․ Կրիկլի ու իմ միջև, և կարծես թե այդ մեգի մեջ մորս պատկերը մի վայրկյան երերաց։ Այնուհետև աչքերիցս ջերմ արտասուք վազեց։ Տիկնոջ դեմքն անշարժ էր։

― Մայրիկց ծանր հիվանդ է, ― հարեց նա։

Ես ամեն բան հասկացա։

― Վախճանվել է։

Այլևս կարիք չկար այս գույժը հայտնելու ինձ։ Ես արդեն հուսակտուր ճչում էի և գիտեի, որ որբ եմ մնացել այս աշխարհում։

Մրս․ Կրիկլը շատ գթասեր էր դեպի ինձ։ Նա ամբողջ օրը իր սենյակում պահեց ինձ, երբեմն մենակ թողնելով մի վայրկյան։ Ես շարունակ լաց էի լինում և լալուց հոգնելով՝ քնում էի, իսկ զարթնելուց հետո՝ նորից սկսում լաց լինել ու հեկեկալ։ Արտասուքս բոլորովին որ քամվեց, սկսեցի մտածել, և այն ժամանակ վշտիս բեռը ավելի ծանրացավ։ Ինձ թվում էր, թե սիրտս կիզող ու կեղեքող ցավերն այլևս երբեք չեն փարատվի։

Սակայն մտքերս դեռ մոլոր էին, դեռ չէին կարող ինձ հասած թշվառության վրա ամփոփվել, այլ միայն հածում էին դրա շուրջը։ Մտածում էի մեր փակ ու լուռ տան մասին։ Մտածում էի մանկան մասին, որ մրս․ Կրիկլի ասելով արդեն վաղուց հիվանդ մաշվում էր և գուցե այլևս երկար չապրեր։ Մտածում էի հորս շիրիմի մասին, մեր տան մոտի գերեզմանոցում, և պատկերացնում մայրիկիս՝ այնտեղ ննջած, ինձ լավ հայտնի ծառերի տակ։ Երբ մրս․ Կրիկլն ինձ մենակ թողեց, ես կանգնեցի աթոռի վրա՝ հայելու մեջ տեսնելու, թե աչքերս որքա՞ն են կարմրել և վիշտս որքա՞ն արտահայտվել երեսիս վրա։ Մի քանի ժամ անցնելուց հետո մտածում էի, միթե արտասուքս այն աստիճան քամվե՞լ է, որ այլևս ոչ մի կաթիլ չի մնացել մայրիկիս թաղմանը թափելու համար, որին ներկա պիտի լինեի։ Հետո նկատեցի, որ տրտմությունս մի տեսակ ծանրություն է դրոշմել դեմքիս, և կարևոր գտա այս բանը, որովհետև այժմ աշակերտները մի առանձին ակնածությամբ կնայեին վրաս։

Եթե երբևէ մի տղա ընկճված է եղել անկեղծ վշտից, անշուշտ ես էի այդ տղան։ Բայց և այնպես լավ հիշում եմ, որ ծանրաթախիծ լրջությունս մի տեսակ հաճություն էր պատճառում ինձ, երբ դուրս գնացի ման գալու, մինչ ընկերներս նստած էին դասարանում։ Հենց որ նրանք թաքուն֊թաքուն մտիկ էին տալիս պատուհանից, ես սկսում էի ավելի տխուր երևալ և քայլերս համրեցնել։ Դասերից հետո, երբ նրանք հետս խոսելու եկան, ես ինքս սրտիս խորքում գովեցի ինձ, որ հպարտ չեմ նրանց հետ, այդ բոլորի առջև բարեսեր ու հեզ, ինչպես և առաջ։

Հետևյալ երեկոյան մեկնելու էի դեպի տուն, բայց ոչ թե փոստի դիլիժանսով, այլ ֆարմըր կոչված ծանր կառքով, որ սովորաբար գեղջուկներին էր տանում֊բերում։ Մեկնելուս նախօրը գիշերը ոչ մի արկածի չպատահեցի այլևս, և ննջարան մտնելուս պես Տրեդլսը պահանջեց, որ գլխիս տակ իր բարձը դնեմ։ Չգիտեմ, դրանով ի՞նչ լավություն ուզեց անել, քանի որ ես իմ բարձն ունեի․ բայց խեղճ տղան ուրիշ բան չուներ ինձ տալու, բացի թերևս կմախքներով լիքը թերթիկից։ Այդ էլ նա ինձ պարգևեց հրաժեշտի րոպեին, իբրև դարման վշտերիս և դյուրություն ալեկոծ սրտիս։

Հաջորդ օրը, երեկոյան դեմ, ես հեռացա Սալեմ Հաուսից։ Այն րոպեին մտքովս անգամ չէր անցել, թե ընդմիշտ եմ թողում նրան։ Ամբողջ գիշեր անչափ դանդաղ շարժվելուց՝ միայն առավոտյան ժամը տասին Յարմաութ հասանք։ Իսկույն կառքից դուրս նայեցի մր․ Բարկիսին տեսնելու, բայց նա իջևան չէր եկել։ Նրա փոխարեն դիմացս ելավ սև հագած և լայնեզր գլխարկով մի գերուկ, ծանրաշունչ, զվարթերես գունդ ու կլոր ծերունի, որի գուլպաներից վեր մանր ու գունատ ժապավեններ էին կապված ծնկներին։ Նա մոտեցավ կառքին ու ասաց․

― Դո՞ւք եք մր․ Կոպպերֆիլդը։

― Ես եմ, սըր։

― Ուրեմն, պատանի ջենտլմեն, հաճեցեք իջնել, ― ասաց նա, կառքի դռնակը բանալով։ ― Ես պատիվ կունենամ ձեզ դեպի տուն տանելու։

Ձեռք տվի նրան զարմացած, թե ո՞վ է արդյոք այդ պարոնը, և միասին առաջ գնալով եկանք հասանք մի նեղ փողոց ու կանգ առանք մի կրպակի առջև, որի դռան ճակատին գրված էր․

«Օմր

Պաստառագործ, դերձակ, մանրավաճառ, հուղարկավորության և սգո առարկաների հայթայթիչ և այլն և այլն»։

Դա մի փոքր ու խեղդուկ կրպակ էր՝ ամեն տեսակ կարած ու չկարած շորերով լեցուն, որի մի պատուհանում սև գլխարկներ էին շարված։ Մտանք հետևի փոքր սենյակը։ Այնտեղ երեք նորատի աղջիկ սև զգեստներ կարելով էին զբաղված․ սեղանի վրա սև կերպասներ էին դիզված և հատակը շերտերով ու ծվեններով ծածկված։ Կրակարանը լավ վառված էր և օդի մեջ տաք շղարշի մղձկոտ հոտ էր տարածվում․․․ մի հոտ, որ բոլորովին անհայտ էր ինձ մինչև այն օրը։

Երեք դեռահաս աղջիկները, որոնք ժիր֊ժիր աշխատում էին, ներս մտնելուս պես գլուխները բարձրացրին և նույն րոպեին շարունակեցին իրենց գործը․ կարել, կարել ու կարել։ Միևնույն ժամանակ փոքրիկ բակից, ուր մի գործարան էր երևում, շարունակ հնչում էր մուրճի միակերպ թնդյունը՝ րատ֊տատ֊տատ, րատ֊տատ֊տատ։

― Տեսնենք, Միննի, ինչպե՞ս է գործը առաջ գնում, ― ասաց առաջնորդս աղջիկներից մեկին։

― Շատ լավ, հայրիկ, ― զվարթ֊զվարթ պատասխանեց աղջիկը, առանց գլուխը բարձրացնելու։ ― Միամիտ կաց, ժամանակին պատրաստ կլինի։

Մր․ Օմրը իր լայնեզր գլխարկը հանեց, նետեց ու հևաց։ Նա այնքան գեր էր, որ ստիպված էր խոսելուց առաջ որոշ ժամանակ շունչ քաշել։

― Գոհ եմ, ― ասաց նա վերջապես։

― Հայրիկ, ― նկատեց Միննին հանաքով, ― ինչի՞ց է, որ այդքան գիրանում ես։

― Ինքս էլ չգիտեմ, չեմ հասկանում, սիրելիս, ― ասաց հայրը, ― բայց զգում եմ, որ հաստանում եմ։

― Գուցե նրանից, որ դարդ չունես, ― ասաց Միննին։ ― Կյանքդ հանգիստ, սիրտդ՝ թեթև։

― Եվ ինչո՞ւ թեթև չլինի, ― նկատեց մր․ Օմրը։ ― Ոչ մի բանից չեմ գրգռվում, գրգռվել չարժի էլ։

― Հարկավ չարժի, հայրիկ։ ― Մենք բոլորս փառք աստծո, ուրախ ենք, չէ՞։

― Այդպես է, այդպես, սիրելիս, ― հաստատեց մր․ Օմրը։ ― Այժմ հանգստացա և կարող եմ այս փոքրիկ աշակերտի չափն առնել։ Խնդրեմ, կրպակս համեցեք, մաստր Կոպպերֆիլդ։

Մր․ Օմրի հրավերով առաջ անցա․ նա մի կտոր մահուդ ցույց տվեց ինձ և ասաց․ «Այնպես ընտրիր մահուդը, որ միայն ծնողների վրա սուգ պահելիս կարելի է հագնել։ Հետո սկսեց չափս առնել և գրքի մեջ նշանակել։ Այս անելիս խնդրում էր ինձ ուշք դարձնել իր կրպակի տեսակ֊տեսակ ապրանքներին, որոնցից մի քանիսը, իր ասելով, նոր ձևի են, նոր են սկսել լույս տեսնել և մի քանիսը արդեն հնացել և ընկել են մոդայից։

― Եվ այս է պատճառը, որ մենք բավական վնասվում ենք, ― ասաց Օմրը։ ― Բայն ի՞նչ արած։ Մոդաները մարդկանց պես են։ Չես իմանում ինչո՞ւ, ե՞րբ և ինչպե՞ս են աշխարհ գալիս․ չես էլ իմանում ինչո՞ւ, ե՞րբ և ինչպե՞ս են անհետանում։ Ամեն բան, իմ կարծիքով, մարդկային կյանքի նման է, եթե ուղիղ տեսակետից նայելու լինենք։

Անձնական վշտովս համակված՝ ես տրամադիր չէի խորասուզվել այդ հարցի մեջ, որ թերևս ուժիցս վեր էր։ Մր․ Օմրը, ծանր հևալով աղջիկների սենյակը տարավ ինձ։ Հետո մի դռնակ բացեց, որի հետևից մի նեղ սանդուղք էր վար իջնում, և գոչեց․

― Թեյ բերեք կարագ ու հացով։

Եվ մինչ ես մտամոլոր ականջ էի դնում դրսից հնչող մուրճի ձայնին և դիտում սենյակում բանող աղջիկներին, նախաճաշը բերին մի ափսեի վրա դրված։ Ինձ համար էր։

― Ես ձեզ վաղուց եմ ճանաչում, ― ասաց մր․ Օմրը մի քանի րոպեից հետո, որոնց ընթացքում ես գրեթե ձեռք չտվի նախաճաշին․ սև֊սև իրերի պատկերը ձեռնտու չէր մարդու ախորժակը գրգռելու համար, ― արդեն վաղուց եմ ճանաչում, մանուկ բարեկամ։

― Իրա՞վ, սըր։

― Գրեթե ձեր ծննդյան օրից, մինչև անգամ դրանից էլ առաջ, ― ասաց մր․ Օմրը։ ― Դուք դեռ աշխարհ չէիք եկել, որ ես ճանաչում էի ձեր հորը։ Նրա հասակը հինգ ոտնաչափ և իննուկես մատ էր, իսկ գերեզմանի խորքը քսանհինգ ոտնաչափ։

Րատ֊տատ֊տատ, րատ֊տատ֊տատ, րատ֊տատ֊տատ, ― հնչեց դրսից։

― Այո, ճիշտ քսանհինգ ոտնաչափ, գուցե և փոքր֊ինչ ավելի, ― ասաց մր․ Օմրը ժպտալով։ Բայց մոռացել եմ՝ ո՞վ էր այդպես ապսպրել․ նա՞ ինքը, թե՞ մայրիկդ։

― Արդյոք ձեզ հայտնի չէ՞, սըր, թե ինչպես է փոքրիկ եղբայրս, ― հարցրի ես։

Մր․ Օմրը գլուխը շարժեց․

Րատ֊տատ֊տատ, րատ֊տատ֊տատ, րատ֊տատ֊տատ։

― Նա մոր գրկումն է, ― ասաց նա։

― Խեղճ մանուկ։ Միթե նա՞ էլ մեռել է։

― Հարկավոր չէ անչափ տրտմել, ― ասաց մր․ Օմրը։ ― Այո՛, մանուկը մեռել է։

Բոլոր վերքերս նորից բացվեցին այս գույժից։ Ես վեր կացա և գլուխս մի ուրիշ սեղանի դեմ տվի, որ կանգնած էր անկյունում։ Սակայն Միննին դրա վրա դրված սև շորերը հավաքեց, որպեսզի իմ արտասուքով չթրջվեն։ Միննին սիրուն ու բարեսիրտ աղջիկ էր․ նա քնքուշ ձեռքով ուղղեց աչքերիս վրա ընկած մազերս և ուզում էր սփոփել ինձ, սակայն ինքը շատ ուրախ էր, որ իր գործը համարյա թե վերջացնելու վրա է։

Այդ իսկ միջոցին մուրճի շաչյունը լռեց, և մի գեղեցիկ երիտասարդ ներս մտավ։ Նա ձեռքին մի մուրճ ուներ, իսկ բերանում մանրիկ գամեր, որ պետք է նախ դուրս հաներ խոսելու հնար ստանալու համար։

― Դե, Ջորեմ, քո գործը հապա ինչպե՞ս է, ― ասաց մր․ Օմրը։

― Շատ լավ, ― պատասխանեց Ջորեմը։ ― Արդեն պրծա։

Միննին փոքր֊ինչ կարմրեց, իսկ մյուս երկու աղջիկները ժպտալով իրար մտիկ տվին։

― Ուրեմն դու ճրագո՞վ էիր բանում այս գիշեր, մինչ ես կլուբումն էի։ Հա՞, ― հարցրեց մր․ Օմրը, մի աչքը խփելով։

― Այո, սըր, ― ասաց Ջորեմը։ Չէ՞ որ ինքներդ ասել էիք, որ եթե գործս վաղ վերջացնեմ, զբոսանքի կերթանք, Միննին և ես․․․ ձեզ հետ միասին։

― Հե՛, հե՛, հե՛, ― ծիծաղեց մր․ Օմրը հազալով։ ― Իսկ ես կարծում էի, թե ինձ հաշվից դուրս կհաներ։

― Որովհետև դուք այդպես էիք ասել, ես էլ գործս շուտ վերջացրի, ― շարունակեց երիտասարդը։ ― Կուզենա՞ք տեսնել, թե ինչպես է շինված։

― Այս րոպեիս, ― ասաց մր․ Օմրը վերկենալով։ Եվ հետո, դառնալով ինձ, հարցրեց․ ― իսկ դուք, որդյակ, չէ՞իք կամենա աչքի անցնել ձեր․․․

― Ո՛չ, ո՛չ, հայրիկ, ― ընդհատեց Միննին։

― Կարծում էի, սիրելիս, թե նրան հաճելի կլինի, ― ասաց մր․ Օմրը։ ― Սակայն գուցե քո ասածը ճշմարիտ լինի։

Չեմ կարող ասել, թե ինչպե՞ս հասկացա, որ նրանք իմ սիրելի, ին անձկալի մոր դագաղն են տեսնելու գնում։ Ես օրումս չէի լսել, չէի էլ տեսել, թե ինչպե՞ս եմ դագաղ շինում, այնուամենայնիվ, գոծարանում հնչող հարվածները լսելուս պես բանի էությունն իմացա, և երբ երիտասարդը ներս մտավ, արդեն գիտեի, թե ինչ էր նրա շինածը։

Կարն արդեն վերջացել էր։ Աղջիկներից երկուսը, որոնց անունը դեռ չգիտեի, վերկենալով՝ գոգերին կպած կտորտանքը և թելերը թափ տվին և սկսեցին կրպակը կարգի բերել։ Միննին մնաց պատրաստ շորերը երկու ահագին տուփերի մեջ դարսելու համար։ Այդ անում էր ծնկաչոք ու մի կայտառ երգ երգելով։ Ջորեմը, որ անշուշտ նրա սիրահարն էր, թաքուն ներս մտավ և համբուրեց նրան (կարծեմ բնավ ուշք չդարձնելով իմ վրա)։ Նա ասաց, թե մր․ Օմրը գնացել է կառք վարձելու, ինքն էլ շտապում է պատրաստ լինել։ Ասաց ու փախավ։ Այնուհետև Միննին իր մկրատն ու մատնոցը գրպանը դրեց, սև թելով ասեղը զուշությամբ կրծքին ցցեց, սիրուն կրկնոցն ու գլխարկը շտապով հագավ, հարդարվելով դռան հետևի հայելու առջև, որի մեջ նրա գոհ դեմքի ցոլացումը տեսա։

Այս բոլորը տեսնում էի անկյունից, ուր նստած էի սեղանի առջև՝ մտքերիս մեջ ընկղմած։ Փոքր֊ինչ հետո կրպակի առջև մի կառք կանգնեց, որի մեջ նախ տուփերը դրին, հետո ես նստեցի և վերջապես մր․ Օմրը՝ դստեր ու փեսայի հետ։ Կառքը նման էր այն սայլերին, որոնցով սովորաբար կահկարասիք, և կամ թե դաշնամուր են տեղափոխում․ գույնը սև էր, ձին էլ սև ու երկայնապոչ։ Այդ կառքում բոլորիս համար բավական տեղ կար։

Չեմ հիշում, որ կյանքումս մի այդպիսի տարօրինակ բան զգացած լինեմ, ինչ֊որ զգացի այդ խմբի մեջ գտնվելիս։ Դեռ մի անփորձ, խակ մանուկ՝ ես չէի կարող այդ մարդկանց զվարթությունն իրենց արհեստի հետ հաշտեցնել։ Նրանց համար այդ ուղևորությունը մի զբոսանք էր։ Չէի բարկանում նրանց վրա, այլ սարսափում, մտածելով, թե այնպիսի էակների մեջ եմ ընկել, որոնք բացառություն են մարդկային ազգից։ Նրանք անչափ ուրախ էին։ Ծերը նստած էր առջևից և ձին էր քշում․ մյուս երկուսը նրա հետևը․․․ և հենց որ նա մի բան էր ասում, երկուսն էլ թեքվում էին դեպի նրա գեր երեսը՝ մեկը մի կողմից, մյուսը՝ մյուսից, իբր թե միայն նրանով լինեին զբաղված։ Երբեմն ինձ հետ էլ փորձում էին խոսել, բայց ես լուռ էի՝ վերարկուիս մեջ փաթաթված, զայրանալով նրանց սիրային քծինքի ու քրքիջի վրա ու զարմանալով, թե ինչո՞ւ աստված նրանց սրտի կարծրությունը չի պատժում։

Ճանապարհին, երբ ձիուն գարի տալու համար կանգ առան, իրենք էլ լավ կերուխում սարքեցին ու քեֆ արին․ ես ոչ մի բանի չդիպա և շարունակեցի ծոմ բռնել։ Վերջապես երբ սկսեցինք մեր տանը մոտենալ, ես արագ վար ցատկեցի կառքի հետևից, որպեսզի մի այդպիսի ընկերության հետ չմոտենամ այն հանդիսավոր պատուհաններին, որոնք կույր֊կույր նայում էին վրաս, երբեմն պայծառ, իսկ այժմ գոցված աչքերի նման։

Ահա խեղճ մայրիկիս պատուհանը և դրան կից՝ մեկ ուրիշը, որ իմն էր կոչվում մեր երջանկության օրերում։ Օ՜հ, զուր էի մտատանջ եղել Սալեմ Հաուսում, թե աչքերիս արտասուքը սպառվել է։

Դեռ տան գավթին չհասած, արդեն Պեգգոտիի գրկումն էի, և նա ինձ ներս տարավ։ Ինձ տեսնելուն պես հեկեկաց, բայց և իսկույն զսպելով իրեն, սկսեց ինձ հետ հանդարտ խոսել ու հուշիկ ման գալ, կարծես վախենալով, որ մեռելն անհանգիստ չլինի։ Իմացա, որ նա վաղուց չի քնել և ամբողջ գիշերներով հսկել է։ «Եվ չե՛մ քնի, չե՛մ թողնի խեղճ տիրուհուս, մինչև որ հողին չհանձնվի նրա մարմինը», ասում էր նա։

Մր․ Մեորդստոնը ամենևին ուշք չդարձրեց իմ վրա, երբ մտա այն սենյակը, ուր նա կրակի առջև նստած էր, լռիկ֊լռիկ լաց լինելով։ Միս Մեորդստոնը, որ նամակներով ծածկված սեղանի մոտ զբաղված էր, չոր մատները մեկնեց ինձ և պաղ շշուկով հարցրեց․

― Չափդ արդեն առե՞լ են։

― Այո։

― Իսկ շապիկներդ բերե՞լ ես։

― Այո, միս Մեորդստոն, բոլոր իրեղեններս բերել եմ։

Եվ ուրիշ սփոփանք չլսեցի այդ երկաթե օրիորդից։ Համոզված եմ, որ նա անասելի հաճույք էր զգում հանդես հանելու այն բոլորը, ինչ որ ինքնատիրություն, ամրություն, մտքի հաստատություն, պնդություն, կամքի զորություն էր անվանում, ― միով բանիվ՝ իր դժնդակ բնավորության բոլոր դիվային ցուցակը։ Նա պարծենում էր մանավանդ իր գործնական տաղանդով, որ և ցույց էր տալիս այս ողբալի պայմաններում, գրչի ու թանաքի վերածելով ամեն խնդիր։ Ոչ մի բան չէր հուզում նրան։ Այդ օրվա ամբողջ մնացորդը, հետևյալ օրն էլ՝ առավոտից մինչև երեկո, նա սեղանի առջև անսասան և անշփոթ անցկացրեց․ իր կոշտ գրիչը թղթի վրա ման ածելով, ամենքի հետ սառ խոսելով, առանց դեմքի գեթ մի մկանը թուլացնելու, ձայնի գեթ մի շեշտը մեղմացնելու, հագուստի գեթ մի ծալքը կամ հյուլեն շարժելու։

Նրա եղբայրը երբեմն վերցնում էր մի գիրք, բայց տեսնում էի, որ չի կարդում։ Նա հատորը բաց էր անում և ուղիղ նայում էջի վրա, իբր թե կարդալով, բայց ոչ մի թերթ շուռ չէր տալիս․ հետո հանկարծ վեր էր կենում և ետ ու առաջ էր գնում։ Ես ամբողջ ժամերով ձեռքերս ծալած նստում էի, դեսուդեն նայում և կամ նրա քայլերը համրում։ Նա քիչ էր խոսում քրոջ հետ, իսկ ինձ հետ՝ ամենևին, և մեր տան խորհրդավոր լռության մեջ ուրիշ շարժուն բան չկար, միայն նա․․․ և ժամացույցի ճոճանակը։

Թաղման նախորդ օրերը սակավ էի տեսնում Պեգգոտիին․ միայն սանդուղքով բարձրանալիս կամ իջնելիս պատահում էի նրան այն սենյակի դռան առջև, ուր հանգչում էին մայրիկս և եղբայրս։ Սակայն ամեն երեկո իմ ննջարան էր գալիս և սնարիս մոտ նստում, մինչև որ քնեմ։ Կարծեմ թաղումից մի երկու օր առաջ ― ես շփոթում եմ այդ տխուր ժամանակի օրերը, որոնց միակերպ ընթացքը ոչ մի բանով չէր փոխվում, ― նա մորս սենյակը տարավ ինձ։ Միտքս է միայն, որ մահիճը ծածկող ձյունափայլ ու թարմ սավանի տակ մեր տան սրբազան լռությունը իբրև մարմնացած երևաց ինձ, և երբ Պեգգոտին ուզեց սավանը կամաց ետ քաշել, ես գոչեցի․ «Օ՜հ, ո՛չ, ո՛չ», և նրա ձեռքը բռնեցի։

Եթե թաղման հանդեսը դեռ երեկ կատարված լիներ, դարձյալ ավելի լավ չէի հիշի։ Դահլիճի տեսքը ներս մտնելուս րոպեին, մոմերի լույսը, գինով լի շշերի փայլը, բաժակների ու պնակների ձևը, կարկանդակի անուշ բուրմունքը, միս Մեորդստոնի զգեստի հոտը և մեր սև հագուստը, այս բոլորն անջինջ է մնացել մտքումս։ Մր․ Չիլիպն էլ այնտեղ էր․ նա մոտենում է ինձ և ասում․

― Ինչպե՞ս եք, մաստր Դավիթ։

― Չեմ կարող ասել, թե շատ լավ, և մեկնում եմ իմ աջը, որ նա բռնում է իր աջի մեջ։

― Աստված իմ, ― ասում է նա քաղցր ժպիտով ու փոքր֊ինչ տամուկ աչքերով, ― այս մեր փոքրիկ բարեկամներն աճելով աճում են մեր շուրջը, և այնպես շուտ, որ չես էլ կարող ճանաչել նրանց։ Չէ՞, տիկին։

Այդ հարցը նա ուղղում է միս Մեորդստոնին, որ ոչ մի պատասխան չի տալիս։

― Պետք է ասել, որ շատ բան դեպի լավն է փոխվել այստեղ։ Չէ՞, տիկին, ― հարցնում է մր․ Չիլիպը։

Միա Մեորդստոնը միայն հոնքերը կիտելով ու գլուխը շարժելով է պատասխան տալիս։ Շվարած մր․ Չիլիպը շարունակ աջս բռնած մի անկյուն է քաշվում և բերանն այլևս բաց չի անում։

Ես նկատեցի այդ, որովհետև տուն գալուցս ի վեր ամեն բան նկատում եմ, ինչ որ կատարվում է իմ շուրջը, թեև ինքս ոչ մի բանի մասնակից չեմ։ Եվ ահա զանգակը հնչում է, և մր․ Օմրն իր ընկերներով ներս են գալիս հայտնելու, թե ամեն բան պատրաստ է։ Պեգգոտին արդեն վաղուց պատմել էր ինձ, թե հորս հուղարկավորության միջոցին էլ հյուրերը միևնույն դահլիճում են հավաքված եղել։

Այդտեղ են մր․ Մեորդստոնը, մեր հարևան մր․ Գրայպը, մր․ Չիլիպը և ես։ Մեր դուրս գնալու ժամանակ դիակներն արդեն պարտեզում են, նրանք հանդարտ տանում են առջևից՝ կնձենիների ծառուղով, անց են կենում դռան միջով և մտնում են այն հանգստարանը, ուր ես ամառ ժամանակ այնքան հաճախ ականջ էի դրել թռչունների առավոտյան դայլայլին։

Կանգնում ենք գերեզմանի շուրջը։ Այդ օրը կարծես մյուսներին ամենևին նման չէ․ երկինքն էլ մի ուրիշ տեսակ է՝ մոխրագույն։ Հանդիսավոր լռության րոպեն գալիս է, միանալով այն լռությանը, որ տիրում է հողին հանձնվող դագաղում։ Կանգնած ենք գլխաբաց։ Ահա հնչում է քահանայի պարզ ձայնը․ «Ես եմ հարություն և կյանք, ասե Տեր»։ Հետո հառաչանք ու լաց եմ լսում։ Մտիկ եմ տալիս․ ահա մեր բարի, հավատարիմ աղախինը, այն միակ անձը, որ այժմ ինձ աշխարհիս երեսին ամենից շատ է սիրելի և որին, մանկական սրտիս վկայությամբ, մի օր աստված անշուշտ կասի․ «Մուտ հուրախության տեառն քո»։

Հանդիսականների փոքրիկ խմբում շատերի դեմքը ծանոթ է ինձ․ այդ դեմքերը ես շատ անգամ դիտել եմ եկեղեցում։ Նրանք դեռ այն օրից են մայրիկիս տեսել, երբ նա նոր էր գյուղ եկել իր նորափթիթ գեղեցկությամբ։ Ուշադրություն չեմ դարձնում նրանց վրա ― զբաղված եմ միայն իմ վշտով, ― բայց և այնպես տեսնում եմ նրանց և ամեն մեկին ճանաչում։ Տեսնում եմ հետևի շարքում և Միննիին, որ աչքով է անում իմ մոտ կանգանծ նշանածին։

Վերջացած է ամեն բան։ Գերեզմանը ծածկված է, և մենք նրան թողնում ենք։ Ահա դարձյալ մեր տունը, այնպես սիրուն ու անփոփոխ, մտքիս մեջ այնպես կապված այն բոլորի հետ, ինչ֊որ չկա այլևս, որ նրան տեսնելիս ցավը ավելի սաստկանում է։ Ինձ ներս են մտնցնում․ մր․ Չիլիպը ջուր է տալիս ինձ, որ խմեմ, և երբ ասում եմ, թե ուզում եմ իմ սենյակը բարձրանալ, նա կանացի մեղմությամբ մնաս բարով է մաղթում ինձ։

Այս ամենը կրկնում եմ, կարծես երեկ է պատահել։ Շատ ավելի նոր դեպքեր մտքիս միջից սահել֊անցել են դեպի այն ափը, ուր յուրաքանչյուր մոռացված բան մի ժամանակ կհիշվի, բայց այդ օրվա հիշատակը օվկիանոսի ժայռի նման կանգուն է։

Վստահ էի, որ Պեգգոտին սենյակս կգա։ Կիրակնօրյա խորհրդավոր հանգիստը (այդ օրը կիրակի էր) մեր սրտերի տրամադրությանը հարմար էր։ Նա կողքիս նստեց իմ փոքրիկ անկողնի վրա, և մեկ ձեռքս համբուրելով, մեկ շփելով, ինչպես անում էր եղբորս հետ, ամեն բան պատմեց, ինչ֊որ պատահել էր այդ միջոցին։

― Վաղուց արդեն մայրիկը տկար էր, ― ասաց Պեգգոտին։ Նա մաշվում էր և անբախտ էր։ Երբ փոքրիկն աշխարհ եկավ, կարծեցի, թե հիվանդը կլավանա, բայց սխալվեցի, հիվանդությունը սաստկացավ, և մայրիկս սկսեց օրեցօր նվաղել։ Երեխայի ծնվելուց առաջ նա սիրում էր մենակ֊մենակ լաց լինել․ իսկ հետո օրոր էր երգում նրա վրա, և այնպիսի գողտրիկ ձայնով, որ մի անգամ նրան լսելիս ես կարծեցի, թե ձայնը օդի մեջ է հնչում և դեպի երկինք սլանում։ Վերջերս ավելի երկչոտ էր դարձել, ամեն բանից վախենում էր։ Ամեն մի կոպիտ խոսք հարվածի պես դիպչում էր սրտին։ Սակայն դեպի ինձ միշտ բարի էր։ Խեղճ տիրուհիս, երբեք չէր փոխվում դեպի անշնորհք Պեգգոտին։

Այստեղ Պեգգոտին կանգ առավ և փոքր֊ինչ ձեռքս շոյեց։

― Միայն մի անգամ էր, որ նորից նրան այնպես տեսա, ինչպես որ առաջ էր․ այդ քո գալստյան գիշերն էր, հոգիս։ Իսկ մեկնելու օրը նա ինձ ասաց․ « Էլ երբեք տեսնելու չեմ հրեշտակիս։ Այսպես է ասում սիրտս, Պեգգոտի, և գիտեմ, որ այն ճշմարիտ է»։ Այնուհետև աշխատում էր հանգիստ երևալ, և երբ այդ մարդիկ հանդիմանում էին նրան, թե անհոգ է, անճարակ է, նա հավատում էր, որ այդպես է, թեև վաղուց արդեն այդ բոլորը անցել էր։ Բայց երբեք մարդուն այն բանը չէր ասում, ինչ֊որ սովոր էր ինձ ասել։ Վախենում էր ասել մարդուն։ Միայն մի երեկո, հոգին ավանդելուց մի շաբաթ առաջ, կանչեց նրան և ասաց․

«Սիրելիս, զգում եմ, որ մահս մոտեցել է։ Այժմ, Պեգգոտի, սիրտս հանգիստ է», ― ասաց նա ինձ, երբ միևնույն գիշերը ես նրան անկողին մտցրի։ «Խեղճ մարդս քիչ֊քիչ կընտելանա իր վշտին և հետո ամեն բան կանցնի։ Ես շատ հոգնած եմ, Պեգգոտի։ Մի թողնի ինձ, մոտս մնա, մինչև որ քնեմ։ Օրհնվեն զավակներս։ Աստված պահե որբ որդուս»։

― Այնուհետև ես նրան մենակ չէի թողնում, ― շարունակեց Պեգգոտին։ ― Շատ անգամ այն երկուսի հետ էլ խոսում էր, որովհետև սիրում էր նրանց։ Այդպես էր նրա բնավորությունը։ Նա չէր կարող իր մերձավորներին չսիրել։ Բայց հենց որ նրանք հեռանում էին, դեպի ինձ էր շուռ գալիս, կարծես թե միայն իր Պեգգոտիի մոտ հանգստություն գտնելով, և այնպես քնում։

Վերջին օրը, իրիկնադեմին, համբուրեց ինձ և ասաց․ «Եթե փոքրիկ մանուկս էլ մեռնի, խնդրեմ նրան իմ գիրկը դիր, և թող մեզ միասին թաղեն»։ (Այդպես էլ արինք, որովհետև միայն մեկ օր ապրեց մորից հետո, խեղճ գառնուկը)։ «Թող իմ անգին Դեվին էլ մինչև գերեզման հասցնի մեզ, ― ասաց նա, ― և ասա նրան, որ իր մայրը, վերջին շունչը փչելուց առաջ, մի անգամ չէ, հազար անգամ օրհնեց նրան»։

Պեգգոտին դարձյալ լռեց և թեթև շփեց իմ ձեռքը։

― Կես գիշերն արդեն անցել էր, ― շարունակեց նա, ― երբ հիվանդը ջուր խնդրեց, և հենց որ տվի, այնպիսի քաղցր ժպիտով նայեց վրաս, հոգյակը։ Առավոտը լուսացավ, արեգակը ծագել էր։ Այն ժամանակ նա ասաց, թե որքան մր․ Կոպպերֆիլդը բարի է եղել դեպի նա, որքան հեզ, ներողամիտ։ Մայրիկդ ասաց․ «Երբ որ ես կասկածում էի ինքս ինձնից, լուսահոգին կրկրնում էր, թե սիրող սիրտն ավելի կարժի, քան աշխարհիս բոլոր իմաստությունը, և թե նա երջանիկ էր իմ սիրով»։

«Պեգգոտի, ― ասաց մայրիկդ փոքր֊ինչ հետո, ― մոտեցիր ինձ, սիրելիս․․․ ավելի մոտիկ, ավելի մոտիկ։ Գլուխս փոքր֊ինչ վերցրու և դեպի քեզ շուռ տուր․․․ Երեսդ անհետանում է իմ աչքից․․․ ես ուզում եմ վրադ նայել»։ Այդպես էլ արի, և, ա՜հ, Դավիթ, եկավ հասավ այն րոպեն, երբ պիտի ճշմարտվեր, ինչ֊որ ասել էի քեզ մի անգամ․․․ թե նա ուրախ կլինի իր խեղճ գլուխը հիմար պառավ Պեգգոտիի բազկի վրա դնելու․․․ և նա մեռավ իբրև մի նիրհած մանուկ։

Այսպես վերջացավ Պեգգոտիի պատմությունը։ Մորս մահվան այս հանգամանքները լսելուս րոպեից նրա վերջին ժամանակի տեսքը անհետացավ իմ մտքից։

Այդ րոպեից ի վեր հիշողությանս մեջ նա դարձյալ պատկերանում էր իբրև այն նորատի մայրիկը, առաջին հիշատակներիցս անբաժան այն զվարթ մայրիկը, որ սիրում էր գգվել գանգուրներս և պարել ինձ հետ դահլիճում։ Պեգոտիի պատմությունը՝ փոխանակ մորս կյանքի վերջին շրջանը հիշեցնելու, նրա նախկին սիրուն պատկերը ամրապնդեց հոգուս մեջ։ Տարօրինակ կթվա այս բանը, բայց և այնպես ճշմարիտ է։ Մահվան մեջ նա թռավ անցավ դեպի իր ժպտուն երիտասարդությունը, մյուս ամեն բան ջնջվեց։

Գերեզմանում ննջող մայրը իմ մանկության մայրիկն էր․ նրա գրկում հանգչող մանուկը, ես ինքս էի՝ այն մանկան նման հավիտյան փարվված նրա սրտին։


==Ժ․ գլուխ

Ինձ անտես են թողնում, հետո խնամում


Հուղարկավորության հաջորդ օրը, երբ առավոտյան լույսը նորից ազատ մեր տունը մտավ, միս Մեորդստոնը շտապով ասաց Պեգգոտիին, որ նա մեկ ամսվա ընթացքում տանից հեռանա։ Որքան էլ Պեգգոտին գարշանք զգար այդ քարասիրտ օրիորդին ծառայելուց, այնուամենայնիվ հավաստի եմ, որ իմ սիրուն լավ կհամարեր մեզ մոտ մնալ, քան մի ուրիշ տեղ ամենալավ պաշտոն վարել։ Նա ինձ ասաց, թե պիտի բաժանվենք, և բացատրեց, թե ինչու, և մենք միասին շատ սրտանց լաց եղանք։

Գալով ինձ և կամ թե ապագայիս՝ ո՛չ խոսք կար, ո՛չ էլ զրույց։ Եղբայրն ու քույրը կարծեմ ուրախ կլինեին՝ ինձ էլ մի ամսից հետո ճանապարհ դնել։ Մի օր քաջություն ունեցա հարցնելու միս Մեորդստոնին, թե ե՞րբ վարժարան կուղարկեն ինձ։ Նա չոր ու ցամաք պատասխանեց, թե գուցե բնավ էլ չուղարկեն։ Ուրիշ ոչինչ։ Շատ էի ուզում իմանալ, թե արդյոք ի՞նչ են մտադիր անել ինձ հետ․ նմանապես և Պեգգոտին․ բայց մեզ չհաջողվեց բան իմանալ այդ մասին։

Վիճակիս մեջ մի փոփոխություն էր առաջ եկել, որ որքան էլ ինձ հաճելի թվար ներկա դառը պայմաններում, բայց կարող էր, եթե նրան լավ հասկանայի, մեծ հոգսեր պատճառել ինձ ապագայիս նկատմամբ։ Բանն այս է, որ մինչև այժմ վրաս ծանրացող բռնությունը բոլորովին թողված էր։ Ոչ միայն չէին պահանջում, որ ժամերով տխուր նստած մնամ դահլիճում, այլ դեռ հաճախ պատահում էր, որ այնտեղ մտնելուս պես՝ միս Մեորդստոնը հոնքերը կիտելով նշան էր տալիս, որ հեռանամ։ Այլևս չէր արգելված, որ ես գռեհիկ Պեգգոտիի հետ ժամեր անցնեմ․ հարցնող էլ չկար, թե ո՞ւր եմ գնում և ի՞նչ անում․ միայն թե մր․ Մեորդստոնից հեռու ման գայի։ Սկզբում սաստիկ վախենում էի, թե նա նորից իր ձեռքը կառնի իմ կրթելու պաշտոնը, և կամ ինքը միս Մեորդստոնը կնվիրվի այդ գործին․ սակայն տեսա, որ երկյուղս անհիմն է․ նրանք իմ մասին անհոգ էին։

Չեմ ասի, թե այս գյուտը մի առանձին վիշտ պատճառեց ինձ։ Ես դեռ ճնշված էի մորս մահվան հարվածից և անտարբեր դեպի աշխարհիս բաները։ Իրավ է, երբեմն մտածում էի, թե բոլորովին ինձ անտես կթողնեն, այլևս ոչ ոք իմ մասին խնամք չի տանի և ես, անկիրթ մնալով, մի շրջմոլիկ, անտաշ ու գծուծ մարդ կդառնամ․ երբեմն էլ մտածուն էի՝ այս թշվառության առաջն առնելու համար հերոսներիս նման վերկենալ փախչել և մի ուրիշ տեղ բախտ որոնել․ սակայն այս մտքերը միայն վաղանցուկ ցնորքներ էին, լոկ չինական ստվերներ, որոնք նկարվում էին իմ սենյակի որմի վրա, որպեսզի իսկույն չքանան, որմը դարձյալ մերկ թողնելով։

― Պեգգոտի, ― ասացի ես մի երեկո խոհանոցում, ― մր․ Մեորդստոնը ոչ մի ժամանակ չի սիրել ինձ, իսկ այժմ հո բոլորովին ատում է․ ուրախ կլիներ մինչև անգամ չտեսնել ինձ։

― Գուցե վշտից է, ― ասաց Պեգգոտին գլուխս շոյելով։

― Բայց չէ՞ որ ես էլ վիշտ ունեմ։ Եթե իմանայի, թե պատճառը միայն վիշտն է, ոչ մի բան չէի ասի։ Բայց այստեղ մի ուրիշ բան կա, Պեգգոտի, ուրիշ բան։

― Որտեղի՞ց գիտես, թե վշտից չէ, ― հարցրեց Պեգգոտին, փոքր֊ինչ լռելուց հետո։

― Օ՜հ, նրա վիշտն ամենևին նման չէ իմին։ Այս րոպեին միս Մեորդստոնի մոտ նստած նա տխուր է, բայց բավական է, որ ես ներս մտնեմ և նրա աչքերում մի ուրիշ բան կերևա։

― Ի՞նչ կերևա։

― Զայրույթ, ― ասացի ես, ճակատս ակամա հայրացուիս նման կնճռոտելով։ ― Եթե միայն վիշտ ունենար, այդպես չար֊չար չէր նայի վրաս։ Ահա ես էլ սգավոր եմ, ես էլ եմ տրտմած, բայց այս չի արգելում ինձ մարդասեր ու բարի լինել ամենքի հետ։

Պեգգոտին մի քանի վայրկյան լուռ մնաց․ ես էլ լուռ֊լուռ շարունակեցի մսրած մատներս վառարանի մոտ տաքացնել։

― Դեվի, ― ասաց նա վերջապես։

― Ի՞նչ է, Պեգգոտի։

― Ես ամեն միջոց, ամեն հնար գործ դրի, սիրելիս, Բլենդրոտընում որևէ պաշտոն գտնելու, բայց այդպիսի բան չգտա։

― Այժմ ի՞նչ ես մտադիր անել, Պեգգոտի, ― հարցրի ես տխրությամբ։ ― Մի՞թե կերթաս թափառելու՝ որևէ տեղ ճարելու համար։

― Կարծում եմ, Դեվի, թե ստիպված կլինեմ Յարմաութ գնալ և այնտեղ ապրել։

― Յարմաո՞ւթ, ― ասացի ես, փոքր֊ինչ սիրտ առնելով։ ― Իսկ ես կարծում էի, ո՞վ գիտե աշխարհիս որ ծայրը կթռչես։ Յարմաութը հո հեռու չէ՞, մեկ֊մեկ հո կտեսնվե՞մ քեզ այնտեղ։ Դու հո բոլորովին չե՞ս թողնի ինձ, Պեգգոտի։

― Աստված չանի, ― գոչեց Պեգգոտին եռանդով։ ― Քանի որ այստեղ ես, հոգյակ իմ, ես շաբաթը մեկ կայցելեմ քեզ։ Մինչև կյանքիս վերջը՝ շաբաթը մեկ։

Այս խոստումը մի ծանր քար գլորեց իմ սրտից, սակայն Պեգգոտին միայն դրանով չբավականացավ։

― Գիտե՞ս ինչ կա, սիրելի Դավիթ, ― շարունակեց նա։ ― Ես ուզում եմ նախ մի երկու շաբաթով եղբորս մոտ հյուր գնալ, փոքր֊ինչ հանգստանալ, խելքս գլուխս հավաքել։ Տեսնում եմ, որ այստեղ քեզ շատ կարոտ չեն։ Գուցե քեզ էլ թույլ տան ինձ հետ գնալ։

Քանի որ Պեգգոտիից բացի, մեր տանը ոչ ոք չկար, որի հետ կամենայի հարաբերություն ունենալ, նրա առաջարկը վերին աստիճանի դուր եկավ ինձ։ Քաղցր էր ինձ այն գաղափարը, թե Յարմաութի բարեկամներիս ազնիվ դեմքը նորից կտեսնեմ․ ամոքիչ էր վշտերիս համար այն հույսը, թե նորից կիրակնօրյա առավոտյան անդորրությունը կվայելեմ, զանգակների անուշ հնչյունը կլսեմ, նավերի երերվելը մշուշապատ ծովի երեսին կտեսնեմ, Էմլիի հետ ափերի վրա կզբոսնեմ, ցավերս նրան կպատմեմ, նրա հետ միասին խեցիներ ու կապիճներ կհավաքեմ։ Թեպետ էլ նույն րոպեին երանական զգացումներս պղտորվեցին կասկածով, թե միս Մեորդստոնը հոժարություն չի տա մեկնելու, բայց այս տարակույսն էլ փարատվեց, որովհետև հենց նույն երեկոյան, երբ նա եկել էր մթերանոցը զննելու, Պեգգոտին զարմանալի արիությամբ մոտեցավ նրան ու իր միտքը բացատրեց։

― Ի՞նչ պիտի անի այնտեղ։ Ծուլությո՞ւն, ― ասաց միս Մեորդստոնը, թթու դրած վարունքների փարչը դիտելով։ ― Ծուլությունն է ամեն չարյաց արմատը։ Սակայն այնտեղ թե այստեղ, բոլորը մեկ է․ նա միշտ ծույլ ու դատարկ կմնա։

Նկատեցի, որ Պեգգոտին պատրաստ է մի կծու պատասխան տալ, բայց իմ սիրուն նա լեզուն բռնեց և լուռ մնաց։

― Հըմ, ― ասաց միս Մեորդստոնը, շարունակելով դիտել թթուն, ― այժմ ամենից կարևորն այն է, որ եղբայրս հանգիստ մնա և իր սիրտը ոչ մի բանով չվրդովի։ Այս պատճառով կարծում եմ թե լավ կանեմ, եթե ձեր խնդիրը կատարեմ։

Շնորհակալություն հայտնեցի նրան, բայց ուրախությունս ծածկելով, որպեսզի իր հավանությունը ետ չառնի։ Կարծեմ արածս խոհեմություն էր, որովհետև նույն րոպեին նա այնպես թթու վրաս նայեց, որ ասես փարչի բոլոր կծվությունը կուլ տված լիներ։ Բայց հավանությունը տրված էր, այդպես էլ մնաց․ և ամիսը լրանալուն պես Պեգգոտին ու ես արդեն մեկնելու պատրաստ էինք։

Մր Բարկիսը եկավ Պեգգոտիի հակը վերցնելու։ Որքան հիշում եմ, նա երբեք մեր պարտեզի դռնով չէր անցել․ բայց այս անգամ ներս էլ մտավ և ահագին հակը շալակելիս իմ վրա մի այնպիսի հայացք նետեց, որի մեջ կարծես իմաստ էլ կար, եթե միայն կարելի էր որևէ իմաստ գտնել մր․ Բարկիսի դեմքի վրա։

Պեգգոտին հարկավ տրտում էր մեր տանից բաժանվելիս, ուր այնքան տարի ապրել էր և ուր սնվել էին իր սրտի երկու զորեղ զգացումները․ սեր դեպի մայրս և սեր դեպի ինձ։ Առավոտյան նա հանգստարան գնաց, և այժմ, կառքում նստած, թաշկինակ էր բռնել աստասվաթոր աչքերի վրա։

Քանի որ նա այդ դրության մեջ էր․ մր․ Բարկիսը կենդանության ոչ մի նշան չէր ցույց տալիս։ Նա նստած էր իր տեղում և կուռքի նման անշարժ էր։ Բայց երբ Պեգգոտին սկսեց դեսուդեն նայել և հետս խոսել, մր․ Բարկիսը գլուխը թոթվեց և մի քանի անգամ ծիծաղեց, թեև բնավ չհասկացա, թե ո՞մ վրա և ինչո՞ւ։

― Ի՜նչ լավ օր է, մր․ Բարկիս, ― ասացի ես քաղաքավարության համար։

― Կարծեմ վատ չէ, ― ասաց մր․ Բարկիսը, որ սովոր էր զգուշությամբ արտահայտել իր միտքը և խույս տալ հաստատական ոճերից։

― Այժմ Պեգգոտին բոլորովին հանգստացել է, մր․ Բարկիս, ― նկատեցի ես, նրան հաճելի բան ասելու համար։

― Իրա՞վ, ― ասաց մր․ Բարկիսը։

Եվ այս հանգամանքի մասին մի քանի վայրկյան խորամանկ դեմքով մտածելուց հետո, դարձավ դրացուհուն և ասաց․

― Հա՞, իրա՞վ հանգստացել եք։

Պեգգոտին ծիծաղեց և դրական պատասխան տվեց։

― Չէ, ուղիղն ասացեք, բոլորովի՞ն եք հանգստացել, լիովի՞ն, ― մռմռաց կառապանը, քիչ֊քիչ մոտենալով ու մշտելով Պեգգոտիին։ ― Ասացեք, լա՞վ եք հանգստացել, բոլորովի՞ն։ Հա՞, թե չէ։

Եվ նա շարունակեց այնպես մոտենալ և Պեգգոտիին արմունկով հրել, որ մենք վերջ ի վերջո, կառքի ձախ անկյունում սեղմված մնացինք, և ես հազիվ էի շունչ քաշում։

Երբ Պեգգոտին խնդրեց նրան ուշք դարձնել վրաս, մր․ Բարկիսը տեղ տվեց ինձ և սկսեց ետ քաշվել։ Ես չէի կարող չնկատել, թե որ աստիճան նա գոհ է, որ հնար է գտել, առանց խոսակցության նյութ որոնելու, այդպես պարզ, հեշտ ու հաճելի կերպով արտահայտելու իր միտքը։ Նա զվարճանում էր այդ գյուտով։ Փոքր֊ինչ հետո նորից դարձավ դեպի Պեգգոտին ու կրկնեց․ «Ղո՞րդ հանգստացել եք» և առաջվա պես ճզմեց մեզ։ Շատ չանցած՝ նորից ճզմեց և հարցումը երրորդեց։ Վերջապես բանն այնտեղ հասավ, որ նրա մոտենալը տեսնելուս պես ես վերև էի ցատկում, պատճառաբանելով, թե ուզում եմ շրջակայքը լավ դիտել, և դրանով ազատվում խեղդվելուց։

Մր․ Բարկիսն այնպես քաղաքավարի էր, որ մի պանդոկի առջև կանգ առավ՝ մեզ գարեջրով ու խորովածով հյուրասիրելու համար։ Այդտեղ անգամ, մինչ Պեգգոտին խմելու վրա էր, մր․ Բարկիսն այնքան սաստիկ հրեց նրան, որ նրա կլթիկը բռնեց։ Սակայն երբ ճանապարհի վերջին հասանք, մր․ Բարկիսը կատակները դադարեցրեց և երբ վերջապես Յարմաութի քարահատակի վրա անցանք, կառքն սկսեց այնպես ցնցել ու տատանել բոլորիս, որ մր․ Բարկիսին ուրիշ բանի վրա մտածելու ժամանակ էլ չմնաց։

Մր․ Պեգգոտին և Հեմը սպասում էին մեզ հին պանդոկի դռան առջև։ Նրանք մեծ սիրով դիմավորեցին Պեգգոտիին ու ինձ և աջ մեկնեցին մր․Բարկիսին, որ մինչև ծոծրակը ծռված գդակով ու վարանած ժպտուն դեմքով մի անմիտ պատկեր էր ներկայացնում։ Նրանք Պեգգոտիի իրերը վերցրին, և մենք արդեն հեռանալու վրա էինք, երբ մր․ Բարկիսը ցուցամատով մի խորհրդավոր նշան արեց ինձ, որ դռան կամարի տակ մտնենք։

― Բանը լավ է առաջ գնում, չէ՞, ― փսփսաց նա։

Ես մտիկ արի նրա դեմքին և, աշխատելով խորիմաստ ձևանալ, ասացի․

― Օ՜, օ՜։

― Շատ լավ է առաջ գնում, չէ՞, ― կրկրնեց մր․ Բարկիսը մտերմական եղանակով։

― Օ՜օ, ― ասացի ես նորից։

― Դուք հո գիտեք ո՞վ է ուզում, ― ասաց բարեկամս։ ― Բարկիսն է ուզում, միայն Բարկիսը։

Ես հաստատական նշան արի։

― Շատ լավ է, շատ, ― ասաց մր․ Բարկիսը, ձեռքս թոթվելով։ ― Ես ձեր բարեկամն եմ։ Դուք գործը լավ սկսեցիք, այժմ բանս հաջող է։

Քանի շատ էր մր․ Բարկիսն աշխատում հասկացնել իր միտքը, այնքան ավելի մթնացնում էր, և եթե ես նրա երեսը ժամերով էլ դիտեի, դարձյալ այնքան բան կիմանայի, որքան կարելի է իմանալ մի կանգնած ժամացույց դիտելիս։ Բայց Պեգգոտին արդեն կանչում էր ինձ։ Երբ փոքր֊ինչ հեռացանք, նա հարցրեց, թե բարեկամս ի՞նչ էր ասում։

― Ասում էր, թե բանը լավ է առաջ գնում, ― պատասխանեցի ես։

― Ա՜յ անամոթ արարած, ― գոչեց Պեգգոտին։ ― Սուտ է նրա ասածը։ Բայց ի՞նչ կասես, եթե հանկարծ ուզենամ մարդու գնալ։

― Կասեմ, թե կշարունակես հիմիկվա նման սիրել ինձ, ― ասացի ես մի վայրկյան մտածելուց հետո։

Իմ բարեսիրտ դայակը, բոլոր անցորդներին և նույնիսկ առջևից գնացող ազգականներին զարմացնելով, փողոցի մեջտեղում կանգնեց և սկսեց համբուրել ինձ և երդվել, թե հավիտյան պիտի սիրի ինձ։

― Ի՞նչ կասես, հը՞, ― կրկնեց նա, երբ որ նորից շարժվեցինք։

― Եթե ուզենաս․․․ մր․ Բարկիսի՞ն մարդու գնալ։

― Այո, ― ասաց Պեգգոտին։

― Կասեմ, որ հիանալի բան կանես։ Այն ժամանակ քո սեփական կառքն ու ձին կունենաս, ամեն անգամ ինձ տեսնելու կգաս, և այդ ոչինչ չի նստի քեզ, Պեգգոտի։

― Մեկ այս տղայի խելքը տեսեք, ― գոչեց Պեգգոտին։ ― Ես էլ ահա մի ամիս է ճիշտ այդ եմ մտածել։ Այո, հոգիս, մտածել եմ, որ այն ժամանակ ավելի անկախ կլինեմ և հարկավ իմ տանը ավելի սիրով կաշխատեմ, քան ուրիշների մոտ։ Հետո մայրիկիդ էլ մոտիկ կլինեմ, ― շարունակեց նա մեղմիկ, ― շուտ֊շուտ կերթամ նրա գերեզմանը տեսնելու, իսկ երբ մեռնեմ, ինձ էլ նրա մոտ կթաղեն։

Որոշ ժամանակ լուռ մնացինք։ Հետո նա զվարթ ասաց․

― Այնուամենայնիվ մարդու գնալը մտքիցս էլ չէր անցնի, եթե իմ Դեվին այդ չուզենար։ Չէր անցնի, եթե քսան անգամ էլ ծանուցում անեին եկեղեցում և նշանի մատանին պատրաստ լիներ։

― Հապա մեկ երեսիս նայիր, Պեգգոտի, ― ասացի ես։ ― Մի՞թե չես տեսնում, որ ես ուրախ եմ այդ բանից և հոգով սրտով քեզ եմ համակրում։

Եվ իրոք, անչափ ուրախ էի, որ նա մտադիր է ամուսնանալ։

― Հավատում եմ, աչքիս լույս, հավատում, ― ասաց Պեգգոտին, նորից իր կրծքին սեղմելով ինձ։ ― Այդ մասին ես գիշեր֊ցերեկ մտածել եմ, և ամեն բան կշռել, և կարծում եմ, որ լավ կանեմ, եթե մարդու գնամ։ Բայց ուզում եմ եղբորս հետ էլ խորհուրդ տեսնել։ Իսկ առայժմ, Դեվի, դու ոչ ոքի բան չասես, թող երկուսս միայն գիտենանք։ Բարկիսը մի բարեսիրտ, պարզ մարդ է, և ես լավ կկատարեմ իմ պարտքը և կաշխատեմ կատարել։ Այն ժամանակ «մեր բանը լավ առաջ կերթա», ― վերջացրեց Պեգգոտին, ուրախ֊ուրախ քրքջալով։

Մր․ Բարկիսի այդ խոսքերն այնպես ի դեպ կրկնվեցին և այնքան մեզ զվարթացրին, որ ամբողջ ճանապարհը ծիծաղելով կտրեցինք և զվարթ հասանք մր․ Պեգգոտիի տնակին։

Տնակի դրսի տեսքը միևնույն էր, միայն թե ես նրան մի քիչ փոքրացած գտա։ Դռան մոտ կանգնած էր մրս․ Գըմիջը, որ կարծես մեր վերջին հրաժեշտից հետո չէր շարժվել իր տեղից։ Տնակի ներքին սարքն էլ առաջվանն էր․ ննջարանումս միևնույն կապույտ սափորն էր դրված՝ նույն ծովային ծաղիկներով։ Դուրս ելա շտեմարանը տեսնելու, և դարձյալ նույն խաչափառները գտա, նույն խեցիներն անկյունում, ուր նրանք առաջվա պես վխտում էին, կծելու բան փնտրելով։

Էմլին միայն չէր երևում, և ես հարցրի մր․ Պեգգոտիին, թե որտե՞ղ է նա։

― Վարժարանումն է, սըր, ― ասաց նա, ճակատը սրբելով, որովհետև քրտնել էր քրոջ հակը կրելուց։ Հետո պատի ժամացույցին մտիկ տվեց և հարեց․ ― Մի քսան րոպեից և կամ կես ժամից հետո տուն կգա։ Նրա բացակայությունը մեզ ամենքիս զգալի է, հավատացեք։

Մրս․ Գըմիջը հառաչեց։

― Հերիք է տխրես, ա՛յ պառավ, ― գոչեց մր․ Պեգգոտին։

― Օ՜հ, ոչ մի մարդ ինձնից ավելի չի զգում այդ, ― ասաց մրս․ Գըմիջը։ ― Ես մի թշվառ անտեր էակ եմ․ միայն նա է, որ կամքիս հակառակ չի գնում։

Մրս․ Գըմիջը շարունակ փնթփնթալով և տնքալով գնաց կրակ վառելու։ Մր․ Պեգգոտին, որ դիտում էր նրան, դիմեց մեզ, ձեռքը շրթունքին դնելով, և կամացուկ ասաց․ «Էլի ծերուկին է հիշում»։ Այս խոսքերը մի հիմնավոր առիթ տվին ինձ կարծելու, թե իմ վերջին այցելությունից հետո ոչ մի բարվոքում չի կատարվել մրս․ Գըմիջի տրամադրության մեջ։

Եվ այսպես՝ ամբողջ տնակն առաջվա նման մի զվարճալի օթևան էր, և ինչո՞ւ չպիտի զվարճալի լիներ․ նա սակայն նախկին տպավորությունը չարեց վրաս։ Մինչև անգամ մի տեսակ հիասթափվաց զգացի։ Պատճառը գուցե այն լիներ, որ փոքրիկ Էմլին տանը չէր։ Ես գիտեի, թե որ շավղով է տուն գալիս, և շատ չանցած՝ արդեն զբոսնում էի այն շավղի վրա՝ նրան դիմավորելու ցանկությամբ։

Հեռվից նշմարեցի մի պատկեր և իսկույն ճանաչեցի Էմլիին։ Թեև նա մի քիչ աճել էր, սակայն դարձայլ փոքրիկ էր։ Երբ մոտեցավ, տեսա, որ նրա կապուտակ աչքերն այժմ ավելի պայծառ են, փոսիկներով այտերն այժմ ավելի բողբոջուն, և ամբողջ պատկերն ավելի զվարթ և սիրուն․ բայց և այնպես, տորօրինակ բան, հանկարծ ուզեցի այնպես ձևանալ, թե իբր նրան չեմ տեսնում, և անցնել մոտով, իբր առանց վրան ուշք դարձնելու։ Եթե չեմ սխալվում, այս տեսակ մի բան հետո էլ արել եմ կյանքումս։

Փոքրիկ Էմլին ամենևին բանի տեղ չդրեց արարքս։ Նա ճանաչեց ինձ, սակայն փոխանակ շուռ գալու և անունս տալու, ծիծաղեց ու փախավ։ Այդ ինձ ստիպեց իսկույն նրա հետևից ընկնել, բայց նա այնպես արագ էր վազում, որ միայն տնակի մոտ բռնեցի նրան։

― Ա՛հ, այս դո՞ւ ես, ― ասաց նա։

― Հը, ճանաչեցի՞ր ինձ, Էմլի։

― Իսկ դու իբր թե չճանաչեցիր ինձ, ― ասաց Էմլին։

Ուզում էի համբուրել նրան, բայց նա իր վարդագույն շրթունքը ծածկեց, ասելով, թե այլևս երեխա չէ, և առաջվանից թունդ քրքջալով ներս վազեց։

Պարզ է, որ նա կամենում էր հետս ընկնել ու գրգռել ինձ։ Այս փոփոխությունը նրա վարմունքի մեջ շատ զարմանալի թվաց ինձ։ Թեյի սեղանն արդեն պատրաստ էր․ փոքրիկ սնդուկի առաջվա տեղն էր․ սակայն Էմլին, փոխանակ կողքիս նստելու, գնաց փնթփնթան մրս․ Գըմիջի մոտ նստեց, և երբ մր․ Պեգգոտին հարցրեց, թե ինչո՞ւ է այդպես անում, նա դեմքը թաքցնելու համար մազերը երեսին փռեց ու սկսեց ծիծաղել։

― Ա՜յ դու փիսիկ, ― ասաց մր․ Պեգգոտին, և հուշիկ֊հուշիկ շոյեց նրան իր մեծ թաթով։

― Այո, այո, չար փիսիկ է, մաստր Դեվի, ― կրկնեց Հեմը, և սկսեց Էմլիի հետ քրքջալ մի այնպիսի հրճվանքով ու հիացումով նրան նայել, որ ինքն էլ կրակի նման կարմրեց։

Տեսա, որ բոլորն էլ երես են տալիս Էմլիին, և ամենից շատ՝ նույն ինքը մր․ Պեգգոտին։ Բավական էր, որ Էմլին իր սիրուն թշիկը մր․ Պեգգոտիի կոշտ մորուքին մոտեցներ, որպեսզի սա Էմլիի ամեն քմահաճույքը կատարեր։ Գոնե ինձ այդպես էր թվում, երբ տեսնում էի, թե ինչպես է գգվում նրան աղջիկը։ Եվ ես լիովին արդարացնում եմ ծերուկին։ Էմլին այնքան հեզ էր, այնպես քաղցրիկ, և իր երկչոտ, փոքր֊ինչ խորամանկ հայացքով՝ այնքան գրավիչ, որ ինձ առաջվանից ավելի հափշտակեց։

Շատ էլ քնքուշ սիրտ ուներ, որովհետև երբ մենք թեյից հետո վառարանի առջև նստեցինք և մր․ Պեգգոտին, իր ծխամորճը քաշելով, իմ կրած կորուստը հիշեց, Էմլիի աչքերն արտասուքով լցվեցին, և նա սեղանի մյուս կողմից այնքան սրտագին վշտով վրաս նայեց, որ ես մի ջերմ շնորհակալություն զգացի դեպի նա։

― Ահա սա էլ որբուկ է, ― ասաց մր․ Պեգգոտին, Էմլիի գանգուրների հետ խաղալով։ ― Ահա սա էլ, ― շարունակեց նա, մի ամուր հարված տալով Հեմի կողքին, ― թեև կարծես ոչ մի բանով որբի նման չէ։

― Եթե ձեզ նման մի խնամակալ ունենայի, մր․ Պեգգոտի, ― ասացի ես, գլուխս կախելով, ― այն ժամանակ գուցե ես էլ որբ չզգայի ինքս ինձ։

― Լավ ասացիք, մաստր Դեվի, ― գոչեց Հեմը ցնծությամբ։ ― Արևս վկա, լավ ասացիք։ Հիանալի։ Ապրեք, սըր։ Հուռռա՜, հուռռա՜։

Այստեղ նա ետ տվեց մր․ Պեգգոտիի հարվածը, իսկ Էյլին վեր կացավ իր բարերարին համբուրելու։

― Ինչպե՞ս է, սըր, ձեր բարեկամը, ― հանկարծ հարցրեց մր․ Պեգգոտին։

― Ստիրֆորթը՞։

― Հենց նա, ― գոչեց մր․ Պեգգոտին Հեմի կողմը դառնալով։ ― Չէ՞ի ասում քեզ, թե նրա անունը մեր արհեստն է հիշեցնում։

― Դուք ասում էիք, որ նրա անունը Րըդդրֆորթ[10] է, ― նկատեց Հեմը ժպտալով։

― Ստիր, թե Րըդդր, մի՞թե երկուսն էկ մեկ չէ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Դե լավ, ինչպե՞ս է նրա առողջությունը, սըր։

― Շատ առողջ էր մեր բաժանվելու միջոցին, մր․ Պեգգոտի։

― Ահա բարեկամ, ― գոչեց մր․ Պեգգոտին, ծխամորճը թափ տալով։ ―Մարդ բարեկամ ունենա, այդպիսի մեկին ունենա։ Վրան նայելուս մարդու քեֆը գալիս է։

― Եվ գեղեցիկ է, այնպես չէ՞, ― ասացի ես, այդ գովասանքից զմայլված։

― Գեղեցի՞կ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Այնպես գեղեցիկ, որ․․․ որ․․․ էլ չգիտեմ, ի՞նչ ասեմ։ Եվ կրտիճ է, շա՜տ կտրիչճ։

― Առյուծի պես կտրիճ է, ― ասացի ես։ ― Եվ չեք կարող երևակայել, թե որ աստիճան համարձակ և անկեղծ է։

― Եվ կարծեմ, ― շարունակեց մր․ Պեգգոտին, ծխի քուլաների միջից վրաս նայելով, ― կարդալումն էլ կտրուկ է, այս բանում ամենքին էլ ջարդուբուրդ կանի, չէ՞։

― Այո, ― ասացի ես հրճվանքով, ― բան չկա, որ չգիտենա։ Զարմանալի ընդունակ է։

― Ա՜յ քեզ ընկեր,― մռմռած մր․ Պեգգոտին և գլուխը շարժեց։

― Նրա համար ոչ մի դժվար բան չկա, ― շարունակեցի ես։ ― Ինչ դաս էլ տաս, մի նայելով կսովորի։ Ոչ ոք չի կարող լավ կրոկետ խաղալ, իսկ ճատրակում, քանի քար ուզենաս առաջուց կտա, և էլի կհաղթի։

Մր․ Պեգգոտին նորից գլուխը շարժեց, կարծես ասելու համար․ «Անշուշտ կհաղթի»։

― Եվ գիտե՞ք, ինչ լեզու ունի, ― գոչեցի ես։ ― Ում ասես կհամոզի։ Հապա մեկ նրա երգելը լսեիք, մր․ Պեգգոտի։

Մր․ Պեգգոտին դարձյալ գլուխը շարժեց, իբր թե ասելու համար․ «Կասկած չկա»։

― Այնքան էլ վեհանձն է, այնքան բարի ու ազնիվ, ― շարունակեցի ես, սիրած ելույթովս հափշտակված, ― որ ինչքան էլ գովես, գովասանքդ նրա արժանիքին հավասար չի գա։ Ես հավաստի եմ, որ ոչ մի ժամանակ չեմ կարողանա լիովին պարտահատույց լինել նրան այն վեհանձն ուշադրության փոխարեն, որ շնորհում էր ինձ, մինչ ես այնքան ցած էի նրանից թե՛ տարիքով, թե՛ ուսումով։

Մինչ ես արագ խոսում էի, հանկարծ հայացքս Էմլիի դեմքին դիպավ, որ սեղանի վրա խոնարհած, գրեթե առանց շունչ քաշելու ամենախորին ուշադրությամբ լսում էր ինձ․ նրա աչքերն ադամանդի պես վառվում էին, և թշիկները բորբոքվել էին։ Այնքան սիրուն էր, այն աստիճան սքանչելի այդ ակնապիշ դրության մեջ, որ ես շվարած լռեցի։ Հենց այդ րոպեին մյուսներն էլ նրան մտիկ տվին և սկսեցին ծիծաղել։

― Էմլին էլ կուզենար տեսնել նրան, ինչպես և ես, ― ասաց Պեգգոտին։

Էմլին ամենքի հայացքը իր վրա ուղղված տեսնելով, շփոթվեց, գլուխը կախ արեց, և նրա երեսը ավելի կարմրեց։ Եվ երբ իր փռված գանգուրների միջով նկատեց, որ շարունակում ենք դիտել իրեն (ես գոնե պատրաստ էի ժամերով դիտել), հանկարծ փախավ սենյակից և մինչև ննջելու ժամը ետ չեկավ։

Ես պառկեցի առաջվա փոքրիկ անկողնու մեջ, նավատան հետևի մասում։ Քամին դարձյալ սկսեց փչել ու մռնչալ, ինչպես առաջ էր։ Բայց այս անգամ ինձ թվում էր, թե մեռածներին է ողբում։ Չէի կարծում այս անգամ, թե ծովի ալիքները կես֊գիշերին կլեռնանան և տնակը կփախցնեն, այլ պատկերացնում էի մտքիս մեջ այն սոսկալի փոթորիկը, որ արդեն ջրահեղձ էր արել մայրական հարկիս երջանկությունը։ Հետո, երբ որ հողմի մոլեգնությունը փոքր֊ինչ իջավ, ես մի փոքրիկ հավելված արի սովորական աղոթքիս վրա, աղաչելով աստծուն՝ շուտ հասցնել ինձ այրական հասակին, որ կարողանամ ամուսնանալ չնաշխարհիկ Էմլիի հետ։ Այս անուշ ցնորքով օրորված՝ վերջ ի վերջո քուն մտա։

Օրերն անցնում էին իրար հետևից այնպես ախորժ, ինչպես առաջ, միայն այն մեծ տարբերությամբ, որ այժմ Էմլին և ես սակավ էինք զբոսնում ծովափին։ Այժմ նա դասեր ուներ սերտելու, կարեր ուներ կարելու, և օրվա մեծ մասը բացակա էր։ Սակայն զգում էի, որ եթե այդպես էլ չլիներ, մենք դարձյալ չէինք կարողանա առաջվա նման միասին շրջել։ Թեև նա զվարթ էր, թեև կայտառ իբրև մանուկ, բայց արդեն կին էր թվում իմ աչքին։ Միայն մի տարվա մեջ ինձնից ավելի էր զարգացել, առաջվա նման սիրում էր ինձ, բայց սիրում էր և ծաղրել ինձ ու տանջել։ Շատ անգամ, երբ գնում էի դիմավորելու նրան, գիտությամբ ուրիշ ճանապարհով էր ետ գալիս և հետո խաբվելուս վրա ծիծաղում։ Ամենից ավելի դուրեկան էին ինձ այն ժամերը, երբ նա շեմքի վրա մենակ նստած զբաղված էր լինում ձեռագործով․ այն ժամանակ ես էլ նստում էի նրա ոտքի տակ, աստիճանների վրա, և որևէ բան կարդում նրան։ Այս րոպեիս անգամ թվում է ինձ, թե ոչ մի ժամանակ չեմ տեսել մի ավելի լուսափայլ արևի մուտք, քան այդ ապրիլի երեկոներին․ ոչ մի ժամանակ չեմ տեսնի մի ավելի պայծառ էակ, քան թե այն, որ նստած էր հին տնակի շեմքին․ մի ավելի վճիտ երկինք, մի ավելի կապույտ ծով, մի ավելի հրավառ հորիզոն և դրա վրա ճոճվող ավելի սիրուն նավեր։

Մեր գալու հենց առաջին իրիկունը մեզ այցելեց մր․ Բարկիսը շատ անիմաստ ու շփոթված դեմքով և ձեռքին նարիջներով լիքը թաշկինակ բռնած։ Նա չասաց, թե ո՞ւմ համար է այդ գանձը, ուստի երբ հեռացավ, կարծեցինք, թե կապոցը մոռացմամբ է թողել։ Հեմը նրա հետևից վազեց և իսկույն վերադարձավ լուր բերելով, թե նարինջները Պեգգոտիի համար են ընծա բերված։ Այս դեպքից հետո ամեն երեկո ճիշտ միևնույն ժամին, գալիս էր մեզ մոտ խորհրդավոր այցելուն և միշտ որևէ կապոց բերում, սակայն առանց երբեք ակնարկելու, թե ում համար, և դնելով դռան հետևը հեռանում։ Այս քնքուշ սիրո նվերները շատ բազմազան ու տարօրինակ բաներ էին․ իմիջիայլոց հիշում եմ երկու զույգ խոճկորի ոտքեր, մի ահագին ասեղի բարձ, քսան խնձոր, մի զույգ սև սաթե օղ, մի քանի հատ իսպանական սոխ, մի տուփ դոմինո, մի վանդակ՝ մեջը կանարյան թռչնակով և մի սպիտակ խոզի զիստ։

Մր․ Բարկիսն առհասարակ ուրույն կերպով էր հարսնախոսություն անում։ Շատ սակավ խոսք կլսեիր նրա բերնից։ Սովորաբար գալիս, նստում էր կրակի առջև նույն դիրքով, ինչպես իր կառքի մեջ, և հիացումով մտիկ տալիս կարը ձեռքին նստած Պեգգոտիին։ Մի երեկո, երևի թե սիրուց բորբոքվելով, իր սիրեկանի մեղրամոմի կտորը թռցրեց, գրպանը դրեց և տուն տարավ։ Այնուհետև, երբ պետք էր լինում Պեգգոտիին թել մոմել մի անասելի զվարճություն էր մր․ Բարկիսի համար՝ հանել գրպանից այդ կտորը, որ արդեն գրեթե հալված էր, տալ նրան և հետո նորից գրպանը դնել։ Նա կարծես անչափ գոհ էր ինքն իրենից և խոսելու հարկ չէր տեսնում։ Մինչև անգամ Պեգգոտիի հետ ծովեզերքին զբոսնելիս՝ ավելորդ էր դատում խելքին զոռ տալ սիրային խոսքեր գտնելու համար, այլ միայն շտապում էր հարցնել, այն էլ միայն երբեմն, թե նա արդյոք հանգի՞ստ է։ Լավ եմ հիշում, որ Պեգգոտին, նրա հեռանալուն պես, երեսը գոգնոցով ծածկում էր և ամբողջ կես ժամ ծիծաղից թուլանում։ Ընդհանրապես մենք բոլորս շատ թի քիչ զվարթ էինք, բացի թշվառ մրս․ Գըմիջից, որի ամուսինը երևի թե ճիշտ այդպես էր նրա սիրտը գրավել, որովհետև մր․ Բարկիսի հարսնախոսություն անելը տեսնելիս նա անդադար ողորմած հոգուն էր մտաբերում։

Արդեն մոտենում էր տուն վերադառնալու ժամանակը, երբ իմացանք, որ Պեգգոտին ու մր․ Բարկիսը մի օրով զբոսնելու պիտի գնան և ինձ ու Էմլիին իրենց հետ տանեն։ Էմլիի հետ մի ամբողջ օր միասին գտնվելու զվարճությունից ես այս դեպքի նախորդ գիշերը գրեթե անքուն անցկացրի։ Առավոտյան բոլորս էլ վաղ վերկացանք և մինչ նախաճաշ անելու վրա էինք, հեռվից երևաց մր․ Բարկիսը, որ կառքով գալիս էր դեպի իր ցանկալին։

Պեգգոտին հագել էր մի համեստ ու մաքուր սև զգեստ, իսկ մր․ Բարկիսը պճնվել էր մի կապտագույն նոր ֆրակով․ դերձակը դրան այնպիսի երկար թևեր էր տվել, որ հագնողը նույնիսկ սաստիկ ցրտին ձեռնոցի կարիք չէր զգա, և այնպիսի բարձր օձիք, որ ջենտլմենի հետևի մազերը դեպի վեր էին տնկվում։ Ֆրակի ահագին կոճակները աստղերի պես պսպղուն էին։ Գորշագույն վարտիքն ու դեղին բաճկոնակը մր․ Բարկիսի արդուզարդը արժանապես լրացնելով, վայելչության բուն տիպար էին հանդիսացնում նրան աչքիս առջև։

Երբ մենք արդեն հավաքվել էինք դռան մոտ, ես տեսա մր․ Պեգգոտիի ձեռքին մի հին մուճակ, որ կառքի հետևից պետք է նետվեր, իբրև մեր ուղևորության բարի ելքի գրավական։ Այս նպատակով նա մուճակը մրս Գըմիջին հանձնեց։

― Ոչ, Դանիել, թող մեկ ուրիշը նետի, ― ասաց մրս․Գըմիջը։ ― Ես մի թշվառ անտեր արարած եմ։ Ինձ չի կարելի մարդկանց ուրախությանը մասնակցել։

― Բավական է, ա՜յ պառավ, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Ահա վերցրու ու ձգիր։

― Չէ՛, չէ՛ Դանիել․ ― ասաց մրս․ Գըմիջը, հեծելով ու գլուխը շարժելով։ ― Ես այնքան անբախտ եմ, որ ամեն բան ինձ հակառակ է կատարվում։ Չէի ցավի, եթե սիրտս այսքան զգայուն չլիներ։ Քո բանն ուրիշ է, Դանիել, դու ինձ նման զգայուն չես, դարդ ու ցավից ազատ ես։ Դու ձգիր։

Բայց այդ րոպեին Պեգգոտին, բոլորին մի առ մի համբուրելուց հետո կառք մտնելով, ուր ես ու Էմլին արդեն կողք կողքի նստած էինք, բարձր ձայն տվեց մրս․Գըմիջին, որ մուճակն իսկույն նետի։ Մրս․ Գըմիջն էլ վերջապես այս պահանջը կատարեց, բայց և մեր մեկնելու ժամի զվարճությունը փոքր֊ինչ փչացրեց, որովհետև սկսեց լաց լինել և հանկարծ ընկավ Հեմի գիրկը ասելով, թե վաղուց գիտեր, որ ինքը բեռ է բոլորի համար, և թե լավ կլիներ, եթե իսկույն իրեն անկելանոց տանեին։ Այս գաղափարը ես հիմնավոր գտա, և գոհ կլինեի, եթե Հեմն անմիջապես գլուխ բերեր։

Սակայն արտասվալի տեսարանն արգելք չեղավ մեր մեկնելուն։ Ճանապարհ ընկանք, և մի որոշ ժամանակից հետո կանգ առանք մի եկեղեցու առջև, ուր մր․ Բարկիսը ձիու սանձը սյունին կապեց, իսկ ինքը Պեգգոտիի հետ ներս մտավ, Էմլիին ու ինձ կառքում թողնելով։ Ես օգուտ քաղեցի այս հանգամանքից Էմլիի իրանը գրկելու համար և խնդրելու, որ մենք իրար հետ, քանի որ ես երկար չեմ մնալու Յարմաութում, շատ սիրով լինենք և ամբողջ օրը շատ երջանիկ։ Փոքրիկ Էմլին զիջեց և մինչև անգամ թույլ տվեց համբուրել իրեն։ Այս զիջումով քաջալերված, ես սիրտ առա երդվելու նրան, թե երբեք մի ուրիշ աղջիկ չպիտի սիրեմ նրանից բացի և պատրաստ եմ այն մարդու արյունը թափել, որ կհանդգնի սիրեկանիս սիրուն թեկնածել։

Որքա՜ն ծիծաղեց խոսքերիս վրա փոքրիկ Էմլին։ Պետք էր տեսնել այդ հրաշալի էակին, երբ նա իրեն ինձնից խելոք ու հասակավոր կարծելով, վստահ֊վստահ ասաց․ «Դու մի անմիտ տղա ես»։ Հետո սկսեց այնպես զվարթ քրքրջալ, որ նրան նայելու հրճվանքից ես մոռացա այդ վիրավորիչ ածականը։

Մր․ Բարկիսն ու Պեգգոտին եկեղեցում բավական երկար մնացին, բայց վերջապես դուրս ելան, և մենք առաջ գնացինք։ Ճանապարհին մր․ Բարկիսը հանկարծ դեպի ինձ շուռ եկավ և մի խորամանկ ակնարկով, որ ամենևին սպասելի չէր նրանից, հարցրեց․

― Հիշո՞ւմ եք, սըր, թե ի՞նչ անուն էի գրել կառքում։

― Կլարա Պեգգոտի, ― պատասխանեցի ես։

― Ի՞նչ եք կարծում, ի՞նչ անուն կգրեի այժմ, եթե կավիճ ունենայի։

― Դարձյալ Կլարա Պեգգոտի, ― ասացի ես։

― Կլարա Պեգգոտի Բարկիս, ― գոչեց նա և այնպես սաստիկ ծիծաղեց, որ ամբողջ կառքը դղրդաց։

Կարճ ասած, նրանք պսակվել էին, և պսակվելու համար էին եկեղեցի մտել։ Պեգգոտին կամեցել էր, որ կարգը անշշուկ կատարվի․ քահանան տեղի էր տվել և այս պատճառով ոչ մի վկա ներկա չէր եղել հանդեսին։ Համեստ կինը փոքր֊ինչ շփոթվեց, երբ մր․ Բարկիսը այնպես որոտաձայն հրապարակեց իրենց զուգությունը, և այս հանգամանքն արգելեց նրան համբուրել ինձ ու կրկնել, թե իր սերը դեպի ինձ միշտ անփոփոխ կմնա։ Սակայն մի քանի րոպեից նա հանգստացավ և ասաց, թե շատ ուրախ է, որ բանն արդեն վերջացել է։

Մոտեցանք մի փոքրիկ պանդոկի, որ զարտուղի ճամփի վրա էր գտնվում։ Այնտեղ մեզ սպասում էին և մի փառավոր ճաշ էին պատրաստել։ Օրը շատ ուրախ անցավ։ Եթե վերջին տասը տարվա ընթացքում Պեգգոտին ամեն օր մի֊մի անգամ ամուսնացած լիներ, դարձայլ ավելի հանգիստ ու անբռնազբոսիկ չէր լինի․ նա բնավ չէր փոխվել և միևնույնն էր, ինչ֊որ միշտ։ Թեյից առաջ նա դուրս ելավ Էմլիի և ինձ հետ զբոսնելու, մինչ մր․ Բարկիսը փիլիսոփայորեն ծխում էր, երևի իր երջանկության մասին մտածելով։ Եթե այդպես է, ուրեմն պետք է ասել, որ մտածմունքից նրա ախորժակը նորից բացվեց, որովհետև թեպետ ճաշին, ինչպես որ հաստատ հիշում եմ, մի ահագին պատառ խոզի միս էր կերել՝ չգիտեմ թե ինչ կանաչով, և երկու հատ տապակած վառեկ, այնուամենայնիվ, թեյի ժամանակ կարիք զգաց մի մեծ բաժին խոզի սառ ճարպ պահանջելու իր համար, որը և վայելեց զարմանալի հեշտությամբ։

Տարիներ անցնելուց հետո շատ անգամ հիշել եմ, որ այդ հարսանիքն իրոք մի տարօրինակ, զվարճալի և անմեղ բան էր։ Արևը մայր մտնելուն պես մենք վերստին կառք նստեցինք և հանգիստ ճանապարհ ընկանք դեպի տուն, երկնային աստղերը դիտելով և նրանց վրա խորհրդածելով։ Ես էի երկնային երևույթների գլխավոր մեկնիչը և մր․ Բարկիսը մտավոր հորիզոնն ընդարձակողը։ Պատմում էի նրան, ինչ֊որ միայն գիտեի, սակայն ինչ էլ խելքիս փչեր, նա պատրաստ էր սիրով լսել և անպայման հավատալ, ― այնքան մեծ էր նրա պատկառանքը իմ անհուն գիտության հանդեպ։ Երբ ես լռեցի, նա բավական լսելի ձայնով ասաց կնոջը, թե ես մի նորատի հրաշք եմ։

Երբ գիտական պաշարս սպառվեց և կամ լավ ասած՝ երբ մր․ Բարկիսի մտավոր ուժերը հատան, Էմլին ու ես ծածկվեցինք մի հին շալով ու մինչև ճանապարհի վերջը դրա տակը մնացինք։ Օ՜հ, որքան եմ սիրում նրան։ Որքա՜ն երջանիկ կլինեի (մտածում էի ես), եթե նրա հետ ամուսնացած լինեի, նրա հետ միասին որևէ դաշտում կամ անտառում ապրեի, միշտ անթառամ, միշտ պատանի մնայի, թև֊թևի տված նրա հետ միասին ծաղկազվարճ ու լուսափայլ հովիտներում շրջեի, նրա հետ միասին մեռնեի և երգեցիկ թռչունների դայլայլով նրա հետ միասին թաղվեի։ Ամբողջ ճանապարհին հոգիս պաշարված էր այս տեսակ սին, անմեղության լույսով փայլուն և վերամբարձ աստղերի նման երերուն ցնորքներով ու մտքերով։ Քաղցր է ինձ հիշել, որ Պեգգոտիի ամուսնությանը ներկա էին Էմլիի և ինձ նման անարատ, անբիծ սրտեր։ Հանձին մեր, կարծես թե Սերը և Շնորհը ուղեկից էին դայակիս հարսանեկան թափորին։

Արդեն ուշ գիշերով նավի տնակին հասանք։ Մր․ Բարկիսը, մրս․ Բարկիսը բարի գիշեր մաղթեցին մեզ և իսկույն իրենց սեփական բնակարանը գնացին։ Ահա այդ րոպեին էր, որ ես առաջին անգամ Պեգգոտիին կորցնելս զգացի։ Անտարակույս այն գիշերը ես շատ տրտում կանցկացնեի, եթե չգիտենայի, որ հենց այն հարկի տակ պիտի հանգչեմ, ուր հանգչելու էր և Էմլին։

Մր․ Պեգգոտին ու Հեմը լավ գիտեին, թե ինչ եմ ես զգում, և աշխատում էին վիշտս փարատել հյուրասեր և քաղցր վարմունքով։ Ընթրիքի ժամանակ Էմլին նստեց սնդուկի վրա իմ կողքին, առաջին անգամ երկրորդ այցելությանս միջոցին, և այս եղավ մեր հիանալի օրվա հիանալի վերջաբանը։

Գիշերվա դեմ ծովը հորդացավ և ընթրիքից հետո մր․ Պեգգոտին ու Հեմը ձուկ որսալու գնացին։ Վրաս մի տեսակ քաջություն եկավ, երբ այդ խաղաղ տնակում ես մենակ մնացի պաշտպանելու մրս․ Գըմիջին ու Էմլիին, և միակ ցանկությունս էր, որ մեր վրա մի առյուծ կամ մի վիշապ և կամ մի ուրիշ ամեհի գազան հարձակվի, որպեսզի առիթ ունենամ սպանել նրանց և հերոսի փառք վաստակել։ Բայց որովհետև Յարմաութի ամայի տափարակում այդ գազաններից ոչ մեկն էլ չկար, լավ համարեցի քնել մինչև առավոտ, զանազան հրեշներ երազելով։

Առավոտյան Պեգգոտին մեզ մոտ եկավ և սովորական եղանակով պատուհանիս մոտ նստեց, զարթնելուն պես այդ դրության մեջ տեսնելով նրան, կարծեցի, թե երեկվա հարսանիքն էլ մի երազ էր։ Թեյից հետո նա ինձ իր տունը տարավ, որ մի սիրուն, կոկիկ տնակ էր։ Դրա միջի կահ֊կարասիքը ուշադրությունս գրավեց, հատկապես դահլիճում գտնվող (տնեցոց առօրյա նստելու տեղն աղյուսահատակ խոհանոցն էր) սև փայտե գզրոցը։ Նրա երեսը բացվում իջնում էր, մի գրասեղան կազմելով, որի խորքում դրված էր ֆոքսի «Նահատակներ» կոչված շարադրության մեծ հատորը։ Իսկույն այդ պատվական գիրքը բաց արի, որից այժմ մի բառ անգամ չեմ հիշում, և սկսեցի եռանդով կարդալ։ Այնուհետև երբ էլ գնայի Պեգգոտիի մոտ, միշտ չոքում էի աթոռի վրա և գզրողը բանալով պատվական գրքի բովանդակությունը կլանում։ Ինձ հրապուրում էին մանավանդ նրա անթիվ նկարները, որոնք պատկերացնում էին մարդկային ֆանատիկոսությունից առաջ եկած ամեն տեսակ արհավիրք, լլկանք ու չարչարանք։ Այն ժամանակից մինև այսօր նահատակների պատմության և Պեգգոտիի տան հիշատակը միշտ իրարից անբաժան են մտքիս մեջ։

Դայակիս տունը գնալիս ես ամբողջ օրով հրաժեշտ առա մր․ Պեգգոտիից, Հեմից, մրս․ Գըմիջից, Էմլիից և գիշերն անգամ մնացի Պեգգոտիի տան վերնահարկի սենյակում, ուր անկողնու սնարից վեր կոկորդիլոսների հռչակավոր գիրքն էր դրված դարակի վրա։ Պեգգոտիի ասելով՝ այդ սենյակն ինձ համար էր պատրաստված, միշտ էլ՝ միևնույն դրության մեջ պետք է պահվեր։

― Ջահել թե պառավ՝ քանի կենդանի մնամ, սիրելի Դեվի, ― ասաց նա, ― և այս հարկը գլխիս վրա տարածվի, այս սենյակը դու միշտ պատրաստ կգտնես, իբր թե ամեն րոպե քեզ սպասելիս լինի։ Ես ամեն օր սա կհավաքեմ, ինչպես որ հավաքում էի առաջվա փոքրիկ ննջարանդ, և եթե դու, տեր մի՛ արասցե, Չինաստան էլ գնալու լինես, կարող ես ապահով լինել, որ այս սենյակը միշտ քեզ համար մաքուր կպահվի։

Ես ամբողջ սրտով հավատում էի բարի դայակիս անդրդվելի անձնվիրությանը ու ջերմ սիրուն դեպի ինձ և շնորհակալություն հայտնեցի նրան, բայց ոչ այնքան, ինչքան կցանկանայի․ այդ խոսքերը Պեգգոտին առավոտյան ասաց ինձ, վզիս ամուր փարվելով, և ես երկար խոսելու միջոց չգտա, որովհետև հենց նույն առավոտ պիտի մեկնեի դեպի տուն։ Առավոտյան էլ ճանապարհ ընկա մր․ Բարկիսի ու Պեգգոտիի հետ միասին։ Նրանք ինձնից տխուր սրտով բաժանվեցին մեր պարտեզի դռնակի մոտ։ Ես էլ շատ տրտում էի հեռացող կառքին նայելիս, որը ետ էր տանում Պեգգոտիին մեն֊մենակ թողնելով ինձ հին կնձենիների հովանու տակ, այն տան հանդեպ, ուր այլևս ոչ ոք չկար, որ սիրեր ինձ կամ կարեկցեր։

Այժմ ես այնպիսի անտերունչ դրության մեջ ընկա, որի մասին չեմ կարող առանց սարսափի մտածել։ Ես բոլորովին աչքից ընկած էի, մենակ էի ապրում, առանձին, զուրկ մարդկային կարեկցությունից, զուրկ տղաների ընկերությունից, լիովին մատնված միայն իմ տխուր մտքերին, որոնց ստվերը կարծես թղթիս վրա էլ փռվում է, մինչ գրում եմ այս տողերը։

Օ՜հ, ինչեր չէի տա, որ մի դպրոց ուղարկեին ինձ, որքան էլ նա խիստ պահվեր, միայն թե կարողանայի բան սովորել․ միևնույն է, թե ի՞նչ բան և կամ ինչպե՞ս։ Սակայն մի այսպիսի հույս չէր ժպտում ինձ։ Նրանք ատում էին ինձ․ գիտությամբ, համառ կերպով ու չարաչար արհամարհում։ Կարծեք այդ միջոցին էր, որ Մեորդստոնի դրամական գործերը խանգարվեցին․ բայց նրա ատելությունը դեպի ինձ չէր կարելի միայն դրանով բացատրել։ Այդ մարդը չէր կարող հանդուրժել ինձ և մերժելով ու դեն ձգելով ինձ, կարծես ուզում էր իր գլխից հանել այն գաղափարը, թե ես իրավունք ունեմ որևէ խնամք սպասելու նրանից․․․ և հասավ իր նպատակին։

Չի կարելի ասել, թե ինձ իրոք լլկում էին․ ո՛չ։ Չէին ծեծում ինձ և կամ սոված չէին պահում, այլ միշտ, ամեն օր, կանոնավոր միակերպ և անվրդով սառնությամբ արհարահում էին։ Անցնում էին իրար հետևից օրեր, շաբաթներ, ամիսներ, բայց նրանց քարասիրտ անհոգությունն իմ մասին մի մազի չափ չէր փոխվում։ Այդ ժամանակը մտաբերելիս շատ անգամ հարցրել եմ ինձ․ արդյոք ի՞նչ կանեին, եթե հանկարծ հիվանդանայի։ Մի՞թե կթողնեին, որ մեն֊մենակ ընկած մնամ իմ ամայի սենյակում, անխնամ մեռնեմ, թե ո՞վ էլ լինի վրա կհասներ ցավիս դարման անելու։

Երբ մր․ Մեորդստոնը և միս Մեորդստոնը տանն էին լինում, ես ճաշում էի նրանց հետ․ իսկ նրանց բացակայության ժամանակ մենակ էի հաց ուտում։ Ինձ թույլ էին տալիս երբ էլ ուզենամ ազատ քարշ գամ տան մոտերքում և կամ շուրջը, միայն թե ոչ ոքի հետ ծանոթություն չանեմ․ երևի վախենում էին, որ կգանգատվեմ որևէ մեկին։ Այս էր պատճառը, որ չնայած մր․ Չիլիպի ստիպողական հրավերներին, հազիվ էի համարձակվում նրա մոտ գնալ։ Մի քանի ժամանակից ի վեր այրիացած բժշկի բնակարանը մի իսկական դեղատուն էր դարձել․ ես սիրում էի երբեմն֊երբեմն նրա մոտ լինել, մի որևէ նոր գիրք կարդալ, նրա դեղերի համատարած բուրմունը շնչել և կամ նրա ցուցմունքով մի նյութ ծեծել հավանգում։

Միևնույն պատճառով, անշուշտ նաև հին ոխից դրդված դեպի իմ բարի դայակը, սակավ էին թույլ տալիս ինձ այցելություն անել Պեգգոտիին։ Իր խոստման համեմատ նա ամեն շաբաթ գալիս էր ինձ տեսնելու կամ աշխատում հանդիպել ինձ մեր տան մոտերքում և միշտ որևէ ընծա բերում ինձ համար։ Սակայն երբ ես էի նրան տեսնելու փափագ հայտնում, խստիվ մերժվում էր և միայն երկար միջոցներից հետո, այն էլ միայն մի օրով էր թույլ տրվում ինձ նրա տանը լինել։ Այս կարճատև այցերիս ժամանակ առիթ էի ունենում նկատելու, որ մր․ Բարկիսը փոքր֊ինչ ագահ է, կամ թե Պեգգոտիի ասելով՝ «փոքր֊ինչ ժլատ» է, ― փողերի դեզը մահճակալի տակ է պահում, մի արկղի մեջ, ուր նրա վկայությամբ, հին շորերից զատ ոչինչ չկար։ Այդ արկղի մեջ թաքնված գանձերն այն աստիճան ամաչկոտ ու վախկոտ էին, որ նրանց մի չնչին մասն անգամ լույս աշխարհ հանելու համար պետք էր խորամանկություն բանեցնել։ Եվ խեղճ Պեգգոտին ստիպված էր շատ նուրբ, շատ խորագետ հնարների դիմել, որպեսզի կարողանար շաբաթվա ծախսերի անհրաժեշտ փողը ձեռք բերել։

Այդ բոլոր ամիսների ընթացքում ես այնպես հուսահատ էի և այն աստիճան արհամարհված, որ շատ թշվառ կլինեի, եթե հին գրքերիս մեջ մխիթարանք չգտնեի։ Միակ սփոփանքս նրանք էին․ ես անբաժան էի նրանցից, ինչպես և նրանք ինձնից, և միշտ ու միշտ կարդում էի նրանց և կրկնում, էլ չգիտեմ քանի անգամ։

Մոտենում եմ կյանքիս այն շրջանին, որի հիշատակը ոչ մի ժամանակ չպիտի ջնջվի իմ մտքից, քանի դեռ ընդունակ կլինեմ որևէ բան հիշելու։ Այս հիշատակը շատ անգամ, բոլորովին կամքիս հակառակ, եկել կանգնել է աչքիս առջև իբրև մի ահեղ ուրվական և վրդովել նույնիսկ երջանիկ օրերս։

Մի առավոտ սովորականի պես տանից դուրս գալով, տխուր ու պարապ շրջում էի փողոցում․ հանկարծ մոտակա անկյունի մյուս կողմն անցնելիս՝ մր․ Մեորդստոնի դեմ ելա, որ մի պարոնի հետ էր գալիս։ Այդ անակնկալ հանդիպումից շփոթված, ուզում էի մոտերովն անցնել, երբ պարոնը ճանապարհս կտրեց և ասաց․

― Ա՜, այս դո՞ւ ես, Բրուքս։

― Ոչ, սըր․ ես Դավիթ Կոպպերֆիլդն եմ։

― Լավ է, լա՜վ։ Դու Բրուքսն ես, ― շարունակեց ջենտլմենը։ ― Շեֆիլդցի Բրուքսը։ Ես քեզ ճանաչում եմ։

Այս լսելուն պես՝ ավելի ուշով դիտեցի նրան։ Նրա ծիծաղը փոքր֊ինչ ծանոթ թվաց ինձ, և ես ճանաչեցի մր․ Քինիոնին, որին տեսնելու համար մր․ Մեորդստոնը Լոուստոֆտ էր տարել ինձ մի ժամանակ, երբ․․․ էլ ի՞նչ հարկավոր է հիշել, թե ե՞րբ։

― Ինչպե՞ս ես Բրուքս, և որտե՞ղ ես սովորում, ― ասաց մր․ Քինիոնը։

Նա ձեռքն ուսիս դրեց և դարձրեց ինձ, որ իրենց հետ գնամ։ Չգիտեի ի՞նչ ասեմ, շվարած նայում էի մր․ Մեորդստոնին։

― Առայժմ տանն է, ― ասաց վերջինս։ ― Ոչ մի տեղ չի ուսանում, ես չգիտեմ՝ ինչ անեմ դրան։ Հեշտ կառավարելու տղա չի։

Մր․ Մեորդստոնն իր նախկին չար հայացքով մի վայրկյան վրաս նայեց և ակներև զզվանքով շուռ եկավ ինձնից։

― Է՜հ, ― գոչեց մր․ Քինիոնը, մեզ երկուսիս դիտելով։ ― Ի՜նչ լավ եղանակ է։

Լռություն հաջորդեց։ Մտածում էի, թե ինչպե՞ս ազատվեմ այդ պարոնի թաթից և հեռանամ։

― Դու կարծեմ էլի այն աչքաբաց տղան ես, չէ՞, Բրուքս, ― ասաց մր․ Քինիոնը։

― Այո, հիմարներից չէ, ― վրա բերեց իսկույն մր․ Մեորդստոնը։ ― Թողեք գնա։ Կարող եք վստահ լինել, որ շատ սիրով կհեռանա։

Մր․ Քինիոնը ուսս ազատեց, և ես շտապով տուն գնացի։ Երբ պարտեզի դռնակին հասնելով ետ նայեցի, տեսա որ մր․ Մեորդստոնը հանգստարանի ցանկապատին հենված, խոսակցում էր մր․ Քինիոնի հետ։ Նրանք դեպի իմ կողմն էին նայում, և անշուշտ ես էի նրանց խոսակցության առարկան։

Այն գիշեր մր․ Քինիոնը մեր տանը քնեց։ Հետևյալ առավոտյան, նախաճաշից հետո, երբ ես աթոռս սեղանից ետ քաշելով ուզում էի պարտեզ իջնել, մր․ Մեորդստոնը հրամայեց ինձ սենյակում մնալ։ Այնուհետև նա մյուս սեղանի մոտ նստեց, քույրն էր կողքին տեղ բռնեց։ Մր․ Քինիոնը, ձեռքերը գրպանների մեջ դրած, պատուհանից դուրս էր նայում, իսկ ես կանգնած դիտում էի ամենքին։

― Դավիթ, ― ասաց մր․ Մեորդստոնը, ― պատանու համար այս աշխարհը գործ տեսնելու ասպարեզ է, այլ ոչ թե դատարկ երազելու և հողմ արածելու ասպարեզ։

― Ինչպես որ դու ես անում, ― հարեց քույրը։

― Ջեննի Մեորդստոն, համեցեք խնդրեմ չընդհատել ինձ։ Կրկնում եմ, Դավիթ, քանի որ մարդս ջահել է, պարտավոր է գործ կատարել, և ոչ թե դժգոհ֊դժգոհ պտույտ գալ ու ցնորքներով ապրել։ Եվ այս ճշմարիտ է, մանավանդ քեզ նման մի ստամբակի համար, որ կարոտ է արմատական ուղղման։ Այպիսի մեկին մի լավություն անելու համար՝ անհրաժեշտ է բանուկ կյանքի պայմաններին ենթարկել նրան և թեքել ու կոտրել։

― Եվ պիտի գիտենաս, որ համառությունը չի օգնի քեզ, ― ավելացրեց միս Մեորդստոնը։ ― Պետք է ընկճել այդ համառությունը և, կընկճվի, այո՛, կընկճվի։

Եղբայրը մասամբ հանդիմանության, մասամբ հավանության հայացք նետեց քրոջ վրա և շարունակեց․

― Քեզ երևի հայտնի է, Դավիթ, որ ես հարուստ չեմ։ Համենայն դեպս, իմացած եղիր, որ հարուստ չեմ։ Մինչև այժմ դու բավական պիտանի դաստիարակություն ստացար։ Դաստիարակությունը ահագին ծախս է պահանջում, սակայն այսպես էլ որ չլիներ, կամ եթե միջոց էլ ունենայի այդ ծախսը հոգալու, դարձյալ իմ համոզումով դպրոցական կրթությունը որևէ օգուտ չի տա քեզ։ Անելիքդ շատ պարզ է․ պիտի կռվես աշխարհի հետ, և որքան շուտ սկսես կռիվը, այնքան լավ։

Ինձ թվում էր, թե այդ մարտն արդեն սկսվել էր, և դրա դառնության համն արդեն առել էի։ Այժմ դա հաստատ պիտի սկսվեր։

― Դու լսած կլինես առևտրական տան մասին, ― ասաց մր․ Մեորդստոնը։

― Ո՞ր տան մասին, սըր։

― Մեորդստոնի և Գրինբիի առևտրական տան մասին, որ գինու առևտուր է անում, ― ասաց նա։

Երևի ես վարանել էի, որ մր․ Մեորդստոնը հարկ համարեց շտապով ասել․

― Մի՞թե երբեք չես լսել, թե ինչ ասել է առևտրական տուն, առևտրական գրասենյակ, գինու մառան, մթերանոց, գործարան և կամ մի ուրիշ այսպիսի բան։

― Կարծեմ լսել եմ, սըր, մի ինչ֊որ առևտրական տան մասին, բայց չեմ հիշում՝ երբ, ― ասացի ես, փոքր֊ինչ մտաբերելով նրա և քրոջ եկամուտի աղբյուրները։

― Երբ էլ լինի, բոլորը մեկ է, ― ասաց նա։ ― Այժմ իմացիր, որ այդ առևտրական տան կառավարիչը մր․ Քինիոնն է։

Ակնածությամբ մտիկ տվի այդ պարոնին, մինչ նա շարունակում էր պատուհանից դուրս նայել։

― Մր․ Քինիոնն ասում է, թե շատ տղաներ կան նրա մոտ զբաղված, և թե դու էլ կարող էիր նրա ձեռքի տակ աշխատել, և միևնույն պայմաններով։

― Հարկավ, եթե մի ուրիշ գործ չգտնի, մր․ Մեորդստոն, ― նկատեց մր․ Քինիոնը կամացուկ։

Մր․ Մեորդստոնը ուշք չդարձրեց այդ խոսքերին և գրեթե ցասկոտ շարժումով շարունակեց․

― Պայմաններն այն են, որ դու սնունդ կստանաս և ձեռքի փող էլ կունենաս։ Իսկ բնակարանիդ մասին արդեն հոգացել եմ․ դրա վարձը ես կվճարեմ։ Իսկ ճերմակեղենիդ գալով․․․

― Որ արդեն իմ հոգալու բանը կլինի, ― մեջ մտավ միս Մեորդստոնը։

― Այդ էլ, ինչպես և հագուստդ, իմ ծախսով կպատրաստվի, ― շարունակեց մր․ Մեորդստոնը, ― որովհետև դու անկարող ես դեռ ինքդ գնել։ Եվ այսպես, Դավիթ, այժմ դու Լոնդոն կերթաս մր․ Քինիոնի հետ և կսկսես անկախ ապրել։

― Մի խոսքով, մենք քեզ արդեն տեղավորել ենք, ― նկատեց քույրը։ ― Այժմ կմնա, որ պարտքդ լավ կատարես։

Լավ էի հասկանում, որ այս բոլորի նպատակը շուտով ինձնից ազատվելն է, բայց անկարող եմ լավ մտաբերել՝ արդյոք մր․ Մեորդստոնի որոշումը ուրախությո՞ւն պատճառեց ինձ, թե՞ տրտմություն։ Տպավորությունս շատ պարզ չէր, և ես կարծես տատանվում էի այդ երկու զգացմունքների միջև՝ առանց լիովին ենթարկվելու մեկին կամ մյուսին։ Մտքերս էլ լավ պարզելու ժամանակ չկար․ մր․ Քինիոնը հետևայլ առավոտ մեկնելու էր։

Ահա տեսեք ինձ այդ առավոտ սև շղարշով փաթաթված, մի սպիտակ հին գլխարկ դրած, մի սևագույն բաճկոնակ, լայն ու կոպիտ կտավե վարտիք, ― որ ինձ համար միս Մեորդստոնի ասելով մի լավ զրահ պիտի լիներ կյանքի ահեղ մարտի մեջ։ ― Ահա այսպես հագնված և ամբողջ հարստությունս մի փոքրիկ պայուսակում ամփոփված, ես՝ թշվառ մանուկս, (ինչպես որ անշուշտ կասեր մր․ Գըմիջը) նստեցի մր․ Քինիոնի հետ Յարմաութ գնացող փոստի կառքը, որտեղից արդեն դիլիժանսով պիտի Լոնդոն գնայի։ Ահա մեր տունն ու եկեղեցին ետ են մնում, ծնողներիս գերեզմանները ծածկվում են, մանկական խաղերիս վայրերը այլևս չեմ տեսնում, և երկինքը դատարկ է։


ԺԱ․ գլուխ

Սկսում եմ գլխիս ճարն ինքս տեսնել, և այդ ինձ դուր չի գալիս


Արդեն բավական ապրած լինելով աշխարհիս երեսին, ես գրեթե կորցրել եմ որևէ բանի վրա զարմանալու ընդունակությունս․ այնուամենայնիվ չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարողացան այնքան հեշտ դեն ձգել ինձ այն մատաղ հասակումս։ Չեմ հասկանում, թե ինչպե՞ս չգտնվեց գոնե մի մարդ, որ տեր կանգներ ինձ նման տղային, որ այնքան ընդունակ էր, ժիր, զգայուն, եռանդուն և հոգով ու մարմնով այնքան քնքուշ։ Սակայն այդպիսի մարդ չգտնվեց, և տասնամյա հասակումս ես մի փոքրիկ ծառա դարձա Մեորդստոնի և Գրինբիի վաճառատանը։

Մեորդստոնի և Գրինբիի առևտրական տունը գտնվում էր Թեմզայի ափին, Բլեքֆրայրըսի թաղում։ Նոր շենքերի շնորհիվ այժմ այդ տեղը ուրիշ տեսք է ստացել․ բայց առաջ տունը վերջինն էր դեպի գետն իջնող անձուկ փողոցում, որ նավամատույցի սանդուղքով էր վերջանում։ Նա մի խարխուլ հին շենք էր՝ առանձին բակով, որ գետի հորձանալու ժամանակ բոլորովին ծածկվում էր ջրով, իսկ նվազելու ժամանակ ցեխի մեջ մտնում․ մկները վխտում էին նրա բակում։ Դարավոր ածխով մրոտված, փոշով ախտոտված սենյակներ, կիսավեր աստիճաններ, քանդված հատակներ, մառանում կռվող պառավ մկների սուր ծվծվոց և համատարած փտություն ու գարշություն․ այս է, ինչ֊որ լավ հիշում եմ երկար տարիների շարքից հետո։ Այս բոլորը պատկերանում է աչքիս առջև ճիշտ այնպես, ինչպես որ էր այն չարաբաստիկ րոպեին, երբ դողդոջ ձեռքումս մր․ Քինիոնի աջը բռնած առաջին անգամ այնտեղ մտա։

Մեորդստոնի և Գրինբիի տունը բազմատեսակ ճյուղեր ուներ, սակայն նրա գլխավոր գործն էր գինի և օղի վաճառել փոստատար նավերին։ Լավ չեմ հիշում, թե ո՞ւր էին գնում այդ նավերը, բայց մի քանիսը կարծեմ մինչև արևմտյան և արևելյան Հնդկաստան էին հասնում։ Գիտեմ միայն, որ այդ առևտրի հետևանքներից մեկն էր դատարկ շշերի մի ահագին քանակություն և մառանում բանող մի քանի մարդիկ ու տղաներ, որոնց պաշտոնն էր աչքի անցնել ամեն մի շիշ, ճաքածները ջոկել, մյուսները ողողել, ցայել և սրբել․ այնուհետև լիքը շշերին նշանակ ու խցան դնել, զմռսել ու կնքել և վերջապես արկղների մեջ տեղավորել։ Այս էր ահա և իմ անելիքը մյուս տղաների հետ միասին։

Բոլորս միասին չորս հոգի էինք։ Ինձ համար որոշված տեղը մի անկյուն էր, ուր մր․ Քինիոնոը միշտ կարող էր ինձ տեսնել և իր գրասենյակի պատուհանից դիտել։ Ահա այդտեղ էր, ուր պիտի սկսեի իմ սեփական վաստակով ապրել։ Ավագ տղան պատվեր ստացավ պաշտոնիս մեջ հրահանգելու ինձ։ Նրա անունն Միկ Ուոկր էր, և նրա հագուստի աչքի ընկնող մասերը մի գզգզած գոգնոց և մի թղթե գլխանոց էին։ Նա պատմեց ինձ, թե իր հայրը թիավար է և ամեն տարի մի ոսկեծոպ սև թավշե ֆես հագած մասնակցում է լորդմեյըրի հանդիսավոր թափորին։ Ծանոթացրեց ինձ մեր ընկերներից մեկի հետ, որին մի տարօրինակ անուն էին տալիս մառանում, այն է՝ «Ալյուրոտ Փաթաթես»։ Հետո միայն իմացա, որ դա մկրտության անունը չէ, այլ այդպես են մականվանել նրան իր երեսի պատճառով, որ իրավ ալյուրի նման սպիտակ էր։ Փաթաթեսի հայրը ջրկիր էր և հրշեջ մի նշանավոր թատրոնում, իսկ փոքրիկ քույրը՝ պանտոմիմների մեջ դեր կատարող։

Անկարելի է բառերով բացատրել այն հոգեկան տագնապը, որ զգացի մի այսպիսի ընկերության մեջ ընկնելիս։ Ի՞նչ համեմատություն, ի՞նչ անհուն տարբերություն իմ մանկության ընկերների, էլ չասեմ Ստիրֆորթի ու Տրեդլսի, և այդ Միկ Ուոկրի ու Փաթաթեսի միջև․․․ Չի կարելի նկարագրել, թե ի՞նչ զգացի, երբ տեսա, որ ժամանակով մի բարեկիրթ և պիտանի մարդ դառնալու ոսկի հույսերս ի չիք դարձան։ Մառանը հեզհետե պիտի ջնջեր մտքիս միջից այն բոլորը, ինչ ես սովորել էի մինչև այժմ, խեղդեր, սպաներ սրտիս ազնիվ ձգտումները դեպի առաջ։ Այս ամենի դառնությունը վհատեցնում էր ինձ․ ամաչում էի իմ ողորմելի վիճակից, լքյալ և անտերունչ կացությունից։ Հենց որ Ուոկրը դուրս էր գնում մառանից, ես սկսում էի լաց լինել, արտասուքս այն ջրի հետ խառնելով, որի մեջ ցայում էի շշերը, և թվում էր ինձ, թե ահա սիրտս էլ մի ճաքած շշի նման կպայթի։

Պատի ժամացույցը տասներկուսն անց կեսը խփեց և բոլորը շարժվեցին, ճաշի գնալու պատրաստվելով։ Մր․ Քինիոնը վեր կացավ և գրասենյակի պատուհանից նշան արեց ինձ, որ իր մոտ գնամ։ Գնացի։ Այնտեղ կանգնած էր մի միջահասակ հուժկու մարդ, որի ահագին ու պսպղուն գլուխը հավկիթի պես անմազ էր, իսկ երեսը շատ ուռած։ Հագած էր մի գորշագույն զգեստ ու նեղ վարտիք․ երկուսն էլ բավական հին, սքանչելի էին սակայն շապկի տնկված օձիքները։ Ձեռքին ուներ մի թեթև գավազան՝ կոթը փնջով զարդարուն, և զգեստի կոճակից կախ՝ մի լոռնետ, որ, ինչպես հետո իմացա, միայն զարդի առարկա էր, որովհետև ջենտլմենը սակավ էր նրան աչքին դնում և դնելիս ամենևին բան չէր տեսնում։

― Ահա սա է, ― ասաց մր․ Քինիոնը, ինձ մատնանիշ անելով։

― Ուրեմն սա՞ է մր․ Կոպպերֆիլդը, ― ասաց օտարականը մի տեսակ զիջող ձայնով և շնորհաշուք երևալու եղանակով, որ շատ սաստիկ ազդեց վրաս։ ― Հուսամ, որ առողջ եք, սըր։

Պատասխանեցի, թե լիովին առողջ եմ, և հուսամ՝ նա էլ առողջ է։ Այն ինչ ― վկա է երկինք ― հոգիս հիվանդ էր․ սակայն կյանքիս այդ միջոցին տրամադիր չէի որևէ մեկին գանգատվելու իմ վիճակից․ ուստի և ասացի, թե շատ առողջ եմ, և հուսամ նա էլ առողջ է։

― Շնորհակալ եմ։ Փառք աստծու, լիովին առողջ եմ, ― ասաց անծանոթ ջենտլմենը։ ― Մի նամակ եմ ստացել մր․ Մեորդստոնից․ խնդրում է ընդունել իմ տան հետևի սենյակում․․․ որ այժմ դատարկ է․․․ և կարող է վարձու տրվել, իբրև մի քնելու տեղ այս նորատի աշակերտին, որին այժմ պատիվ ունեմ․․․

Անծանոթը ձեռքը շարժեց և կզակը օձիքի մեջ իջեցրեց։

― Սա մր․ Միկաբրն է, ― ասաց մր․ Քինիոնը։

― Հըմ, ազգանունս իրավ այդ է, ― ասաց անծանոթը։

― Մր․ Մեորդստոնը վաղուց ճանաչում է մր․ Միկաբրին, ― ասաց մր․ Քինիոնը։ ― Պարոնը մեր գրասենյակի համար զանազան պատվերներ հանձն առնող միջնորդ է։ Մր․ Մեորդստոնը նրան գրել է, որ քեզ համար մի բնակարան գտնի, և պարոնը հոժար է իր տանն ընդունել քեզ։

― Ահա հասցես, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Ուինդզորի Դարաթափ, Սիթիի փողոց․․․ Միով բանիվ, մր․ Կոպպերֆիլդ, բնակարանս այնտեղ է, ― կնքեց մր․ Միկաբրը, նորից սիրուն ժպտալով։

Գլուխ տվի նրան։

― Անտարակույս, ― շարունակեց մր․ Միկաբրը, ― դուք մեր մայրաքաղաքում շատ պտույտներ շրջած չեք լինի, և հավանական է, որ դեպի Ուինդզորի Դարափը գնալիս դուք մոլորվեք այս նոր Բաբելոնի բավիղներում․ ուստի այս երեկո պատիվ կունենամ անձամբ գալ ձեր հետևից և ծանոթացնել ամենակարճ ճանապարհի հետ, որպեսզի․․․ կարճ ասած․․․

Սրտանց շնորհակալ եղա, որ նա պատրաստ է այդպես սիրով նեղություն կրել ինձ համար։

― Ուրեմն, ո՞ր ժամին կհաճեիք, որ․․․ ― ասաց մր․ Միկոբրը։

― Մոտ ութ ժամին, ― ասաց մր․ Քինիոնը։

― Ութից առաջ այստեղ կլինեմ, ― ասաց մր․ Միկոբրը։ ― Մնաք բարով, մր․ Քինիոն։ Չեմ ուզում այլևս խանգարել ձեզ։

Նա գլխարկը հագավ և գավազանը կռան տակ դրած՝ դուրս գնալուն պես մի զվարթ երգ մրմնջալով հեռացավ։

Այն ժամանակ մր․ Քինիոնը հրավիրեց ինձ որքան կարելի է օգտակար լինել Մեորդստոնի և Գրինբիի առևտրական ֆիրմային, ստանալով կարծեմ, շաբաթակն վեց շիլլինգ վարձատրություն։ Սակայն լավ չեմ հիշում ― վե՞ց, թե՞ յոթ։ Այս կետի մասին անվստահ լինելուցս հետևացնում եմ, որ ռոճիկս առաջ վեց շիլինգ էր և հետո միայն յոթ դարձավ։ Առաջին շաբաթվա ռոճիկը մր․ Քինիոնն իսկույն վճարեց ինձ (կարծեմ իր սեփական գրպանից)։ Այս գումարից վեց պենս Փաթաթեսին տվին իմ արկղը Ուինդզորի Դարափը տանելու համար, որովհետև ինքս տանելու ուժ չունեի․ վեց պենս էլ ծախսեցի մոտակա պանդոկում՝ ճաշի համար, որ բաղկացած էր մսեղեն կարկանդակից և մի բաժակ ջրից։ Այնուհետև հանգստյան մեկ ժամը զբոսանքի նվիրեցի, ման գալով փողոցներում։

Երեկոյան, սահմանված ժամին, մր․ Միկաբրը նորից երևաց։ Նրա ազնվությանը պատիվ բերելու համար՝ ես ձեռքերս ու երեսս լվացի, և մենք միասին ճանապարհ ընկանք դեպի մեր տունը, որ կարծեմ այսուհետև այդպես պետք է անվանեմ։ Ճանապարհին մր․ Միկաբրը աշխատում էր փողոցների անունները և անկյունավոր տների ձևը տպավորել մտքիս մեջ, որպեսզի հետևյալ առավոտյան ինձ համար հեշտ լինի վերադառնալ։

Հենց որ հասանք Ուինդզորի Դարափի տունը, որ իր տիրոջ պես մի անշուք տեսք ուներ, բայց և նրա մեծաշուք երևալու հավակնությունը, մր․ Միկոբրը ներկայացրեց ինձ մրս․ Միկոբրին, մի նիհար ու գունատ տիկնոջ, որ չէր կարող այլևս գեղափթիթ համարվել։ Տիկինը նստած էր ճաշարանում մի կրծքի մանուկ բռնած գրկի մեջ (առաջին դստիկոնը կահ֊կարասիքից բոլորովին զուրկ էր և միայն պատուհանի վարագույրներով զարդարված, որոնց նպատակն էր հարևանների աչքին փոշի ցցանել)։ Մանուկը նրա երկվորյակներից մեկն էր, և ես կարող եմ հիմիկվանից ասել, որ այդ գերդաստանի հետ հարաբերություն ունենալուցս ի վեր երբեք չեմ տեսել, որ երկվորյակները երկուսն էլ միասին հեռու լինեին մոր կրծքից։ Մենկն անպատճառ կրծքին ամուր կպած էր մնում միշտ անհագ ախորժակով։

Այնտեղ կային և ուրիշ երկու երեխա ― մաստր Միկաբրը՝ չորս տարեկան, և միս Միկաբրը՝ մոտ երեք տարեկան։ Տան բոլոր ծառայությունը կատարում էր մի թխադեմ նորատի կին, որ սովոր էր շարունակ փռնչալ։ Կես ժամ չանցած այս կինը հայտնեց ինձ, թե ինքը մի որբ է և եկել է Ս․ Ղուկասի որբանոցից։ Իմ սեյակը գտնվում էր վերևի հարկում․ դա մի փոքրիկ խցիկ էր՝ բոլորովին անզարդ, բայց կապտագույն առաստաղով ու որմերով։

― Մտքիցս անգամ չէր անցել, ― ասաց մրս․ Միկաբրը, սենյակն ինձ ցույց տալու համար իր մանկան հետ վերև գալով ու չնչասպառ նստելով, ― մտքովս անգամ չէր անցել, մինչ հայրիկիս ու մայրիկիս մոտ էի ապրում իբրև աղջիկ, թե մի օր ստիպված կլինեմ վարձու սենյակ տալ իմ տանը։ Սակայն այս միջոցին մր․ Միկաբրը այնպես նեղ հանգամանքների մեջ է գտնվում, որ ստիպված ենք խոնարհվել նրանց առջև։

― Այո՛, տիկին, ― ասացի ես։

― Եվ հատկապես այժմ սաստիկ ծանր են մր․ Միկաբրի հանգամանքները, ― ասաց մրս․ Միկաբրը, և արդյոք նա հնար կգտնի՞ իր վիճակը թեթևացնելու, չգիտեմ։ Հարկավ, մայրիկիս տանը ապրելիս գաղափար անգամ չունեի, թե կարիք ասածդ ինչ բան է, բառիս բուն իմաստով, բայց անճարը կերել է բանջարը, սովոր էր ասել հայրիկս։

Հաստատ չգիտեմ, թե ումի՞ց եմ լսել ― մր․ Միկաբրի՞ց, թե՞ ուրիշից, իբր մր․ Միկաբրը մի ժամանակ նավատորմի սպա էր եղել, միայն թե այս րոպեիս համոզված եմ, որ նա երբեմն ծառայել է նավատորմում։ Այժմ նա մի տեսակ միջնորդ էր զանազան առևտրական տների համար, սակայն կարծեմ շատ քիչ բան էր վաստակում, գուցե և ոչինչ։

― Եթե մր․ Միկաբրի պարտատերերը չկամեցան նրան ժամանակ տալ, ― շարունակեց մրս․ Միկաբրը, ― հետևանքը իրենց համար իսկ վատ կլինի։ Որքան գործը շուտ վերջացնեն, այնքան լավ։ Ինչպես որ քարից արյուն չես քամի, այնպես էլ փող չես հանի մր․ Միկաբրի քսակից, մանավանդ այս րոպեիս, էլ դատական ծախսերը չասենք։

Երբեք չհասկացա, թե ի՞նչ բան դրդեց մրս․ Միկաբրին այդ աստիճան սրտաբաց լինել իմ առջև ― արդյոք նրա թյուր կարծի՞քն իմ վաղահաս անկախության մասին, թե այն հանգամանքը, որ նա պատրաստ էր, եթե մի ուրիշ ունկնդիր չգտնվեր, իր ցավը անգամ երկվորյակներին պատմել․ միայն այս կասեմ, որ երբ էլ տիկինն ինձ պատահեր, նրա խոսակցության բուն նյութը միշտ միևնույն էր։

Խե՜ղճ մրս․ Միկաբր։ Նա ասաց ինձ, թե ամեն ջանք գործ է դրել իր վիճակը բարվոքելու, և ես բնավ կասկած չունեմ այդ մասին։ Փողոցի դռան հենց մեջտեղում մի ահագին պղնձե նշանակ էր փայլում այսպիսի մակագրությամբ․ «Ազնիվ օրիորդների վարժարան ընդ տեսչությամբ մրս․ Միկաբրի», բայց չեմ իմացել որ երբևէ այդ վարժարանում, և չեմ տեսել, որ գեթ մի օրիորդ այնտեղ գար և կամ գալու ցանկություն հայտներ, և կամ թե նույնիսկ մրս․ Միկաբրը մի օրիորդ ընդունելու պատրաստվեր։ Իմ տեսած կամ լսած միակ այցելուները պարտատերերն էին։ Դրանք էին գալիս օրվա ամեն ժամերին, և մի քանիսը շատ կատաղի մարդիկ էին։ Մանավանդ մեկը՝ մի կեղտոտ դեմքով կոշկակար, հենց առավոտյան ժամը յոթին էր գալիս, մտնում էր սանդուղքի տակ և այնտեղից գոռում․ «Հե՜յ, մր․ Միկաբր, խլացե՞լ եք․ թե մեռե՞լ։ Դուրս եկեք էլի՛։ Ի՞նչ եք թաքնվել։ Ինչո՞ւ պարտքերդ չեք վճարում։ Այս ի՛նչ ստոր վարմունք է։ Վճարեցեք և կերթամ։ Դե՛հ, դուրս եկեք։ Ո՞ր ազնիվ մարդն այսպես կվարվի։ Այս ինչի՞ նման է։ Գոնե մի ձայն հանեցե՛ք»։ Այս տեսակ ճառերի դեմ ոչ մի պատասխան չընդունելով, մարդը սկսում էր ավելի ճարտար լեզու թափել, և երբեմն լսում էի՝ «Ա՜յ ավազակ, ա՜յ սրիկա, այ կախվելու անպիտան» և ուրիշ ազդու բառեր։ Այս էլ որ չօգներ, սկսում էր փողոցից դեպի երկրորդ հարկի պատուհանները գոռալ, ուր, գիտեր, որ մր․ Միկաբրը թաքնված է։ Ո՞վ գիտի, թե այդպիսի ժամանակ որքան էր մաշվում ու չարչարվում տանտերը․ մի օր նրա կինը ճչալով հայտնեց ինձ, թե մր․ Միկաբրը մտադիր է մինչև անգամ ածելիով մորթել իրեն։ Սակայն նրա հուսահատական տրամադրությունը երկար չտևեց։ Կես ժամից հետո նա արդեն մեծ եռանդով փայլ էր տալիս իր կոշիկներին և մի կայտառ երգ սուլելով դուրս գնում՝ ավելի սիգաճեմ, քան առաջ։ Նույն դյուրաթեք բնավորությունն ուներ և մրս Միկաբրը։ Տեսել եմ նրան հարկահանի երևալուց հետո ուշաթափ եղած ժամը երեքին, իսկ ժամը չորսին գառան կոտլետ և տաք էյլ վայելելիս, որ գնել էր գրավ դնելով իր երկու թեյի գդալը։ Մի երեկո էլ, միշտ ժամը վեցին տուն գալով տեսա, որ դատարանը մր․ Միկաբրի տան կահույքը գրավեց, իսկ տիկինը նվաղելով հատակի վրա ընկավ (իհարկե երկվորյակներից մեկին գրկած), և նրա բոլոր գլխի զարդը քրքրվեց։ Սակայն երբեք էլ այնքան ուրախ չէի տեսել նրան, որքան որ ճիշտ այդ երեկո, երբ նա հորթի կոտլետ ճաշակելով խոհանոցի կրակի առջև, զվարթ֊զվարթ պատմում էր, թե ինչպե՞ս են ապրել իր հայրիկն ու մայրիկը, ինչպիսի քեֆեր արել, ինչպիսի հյուրեր ընդունել։

Ահա այս տան և այս գերդաստանի մեջ էի անցկացնում ազատ ժամերս։ Ես ինքս էի հոգում նախաճաշիկս, մի պեննիի կաթ և մի պեննիի հաց գնելով։ Մի կտոր պանիր, մի կտոր էլ հաց պահում էի առանձին պահարանի ծածուկ դարակում երեկոյան ընթրիքիս համար։ Այս բոլորը մի ահագին խրամ էր բացում իմ վեց կամ յոթ շիլինգի մեջ, և ես ամբողջ օրերով աշխատում էի մառանում և ամբողջ շաբաթ պիտի ապրեի այդ գումարով։ Երկուշաբթի առավոտից մինչև շաբաթ երեկո մենակ էի այդ մարդկանց մեջ և ոչ ոք որևէ խորհուրդ, որևէ խրախույս, մի նպաստ, մի սփոփանք չէր տալիս ինձ։

Ես դեռ այնքան անփորձ էի, այնքան միամիտ, այն աստիճան անձեռնահաս մի ինքնուրույն կյանք վարելու ― և միթե կարելի՞ էր, որ այդպես չլինեի, ― որ առավոտները գործի գնալիս շատ անգամ չէի կարենում դիմադրել և մի չորացած կարկանդակ գնելու գայթակղության, և դրա վրա էի վատնում այն փողը, որ պիտի ճաշիս համար պահեի։ Այդ օրերը ճաշի փոխարեն միայն հացով էի բավականանում և կամ մի կտոր պուդինգով։ Մտաբերում եմ պուդինգի երկու կրպակ, ուր մտնում էի փոփոխակի, նայելով քսակիս վիճակին։ Մեկը գտնվում էր ս․ Մարտին եկեղեցու հետևի բակում, որ այժմ անհետացել է։ Այդ կրպակի պուդինգը չամչից էր, բայց գինը թանկ՝ երկու պեննի, այսինքն երկու անգամ ավելի, քան հասարակը։ Հասարակը պատրաստվում էր մի ուրիշ կրպակում Ստրենգի վրա։ Նա մի ծանր, անմարսելի պուդինգ էր՝ կոպիտ և նոսր ցրված չամիչներով, բայց տաք էր լինում ճիշտ անցնելուս միջոցին, և շատ օրեր նա էր կազմում իմ ճաշը։ Իսկ կանոնավոր ճաշերիս համար առնում էի երշիկ ու հաց մի պեննիով, կամ թե չորս պեննիանոց մսեղեն կերակուր մի որևէ պանդոկում և կամ մի կտոր հաց ու պանիր, մի բաժակ էլ գարեջուր մեր մառանի կողմերը գտնվող մի անպիտան սրճարանում, որի անունը «Առյուծ» էր․ էլ չեմ հիշում՝ կապո՞ւյտ, թե՞ կարմիր մակդիրով։ Մի օր տանից վերցրած մի բոմբի փաթաթելով մի թղթի մեջ և գրքի նման թևիս տակ բռնելով, մտա Դրըրի Լենիի մոտ գտնվող հռչակավոր պանդոկը և մի լավ սուկիի խորոված պատվիրեցի։ Չեմ իմանում, թե պանդոկի սպասավորն ի՞նչ մտածեց, ինձ նման մի փոքրիկ տղայի մենակ գալը տեսնելով, բայց միտքս է, որ մինչ ես ուտում էի, նա մի ուրիշ տղա կանչեց, և երկուսն էլ սկսեցին զարմանալով վրաս նայել։ Ես ընծայեցի նրան կես պեննի, և ուրախ կլինեի, եթե չընդուներ։

Կարծեմ մի կես ժամի արձակուրդ էլ տալիս էին մեզ թեյի համար։ Եթե գրպանումս փող լիներ, մի բաժակ կաթով սուրճ էի պատվիրում և մի պատառ կարագով հաց, իսկ եթե չլիներ, մտիկ էի տալիս Ֆլիտ Ստրիտում գտնվող մսավաճառի կրպակին, կամ թե թափառելով մինչև Կըվընտ Գարդընի շուկան գնում և աչքս տնկում այնտեղ դրված անանասներին։ Սիրում էի շրջել և Ադելֆիի թատրոնի ստվերապատ կամարների տակ։ Մի երեկո այդ կամարների տակից դուրս գալիս հանկարծ մի գինետուն ընկա, որի դիմացը ածխակիր մանուկներ էին պար գալիս․ ես էլ ուրիշների հետ դուրսը նստելով սկսեցի նրանց խաղին նայել։ Արդյոք նրանք ի՞նչ մտածեցին իմ մասին։

Դեռ այնքա՜ն փոքր էի, այնքա՜ն մանուկ, որ շատ անգամ ճաշիս փողը մի բաժակ էյլի կամ պորտըրի վրա վատնելու համար որևէ պանդոկ մտնելիս, պանդոկի զարմացած տերը դժվարանում էր խնդիրս կատարել։ Մի երեկո մոտեցա սեղանին և ասացի․

― Մի բաժակ էյլ, ամենալավ տեսակից։

Այդ օրը ինձ համար մի առանձին օր էր, կարծեմ ծննդյանս օրը։

― Ամենալավի և թունդի գինը երկուսուկես պեննի է, ― ասաց պանդոկի տերը։

― Ուրեմն խնդրեմ, ― ասացի ես, փողը դարակի վրա դնելով, ― այդ թունդից մի բաժակ։

Պանդոկապետը մի տարօրինակ ժպիտով վերից֊վար չափեց ինձ և փոխանակ էյլ տալու, որմի հետևը նայեց ու մի բան ասաց իր կնոջը։ Կինը եկավ գուլպան ձեռքին և ապշությամբ սկսեց դիտել ինձ։ Ահա երեքս էլ կանգնած ենք՝ տերը դարակին հենված, կինը՝ աչքերը վրաս սևեռած, իսկ ես փոքր֊ինչ այլայլված ու շփոթված։ Նրանք ինձ հարցուփորձ արին, թե անունս ի՞նչ է, ո՞վ եմ, քանի՞ տարեկան եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ գործի եմ և ինչպե՞ս եմ պանդոկ եկել։ Ծնողներիս անպատվություն չբերելու համար բավական շինծու պատասխաններ տվի։ Նրանք մի բաժակ էյլ առաջարկեցին ինձ, որ կարծեմ շատ ընտիր տեսակից չէր, ոչ էլ թունդ, և կինը փողս դարակից հանելով ետ տվեց ինձ։ Երբ դուրս էի գնում, նա բուն մայրական գգվանքով համբուրեց ինձ և կամացուկ ասաց, որ չշտապեմ թունդ խմիչքներ գործածել։

Այս բոլորը հիշելիս, ո՛չ այդ ժամանակվա միջոցներիս սղությունն եմ խտացնում, ո՛չ էլ կյանքիս դժվարությունը։ Գիտեմ, որ երբ մր․ Քինիոնն ինձ մի ավելորդ շիլինգ էր տալիս, ես դրան ճաշի և կամ թեյի վրա էի ծախսում։ Գիտեմ, որ առավոտից մինչև գիշեր աշխատում էի գռեհիկ տղաների ու մարդկանց հետ, ինքս էլ թշվառ նրանց նման։ Գիտեմ, որ փողոցներում քարշ էի գալիս համարյա թե սննդի կարոտ և կիսամերկ։ Ես գիտեմ, որ եթե աստծու ողորմությունը չլիներ, այս լքյալ վիճակիս մեջ ես մի գող և կամ շրջմոլիկ կդառնայի։

Բայց և այնպես գոնե դիրքս Մեորդստոնի ու Գրինբիի մոտ որոշ էր և գոնե մի որևէ պաշտոն ունեի։ Բացի այն, որ մր․ Քինիոնը, չնայելով իր անհոգության ու շատ զբաղված լինելուն, ավելի մեղմ էր վարվում ինձ հետ, քան մյուսների հետ, ես ոչ ոքի առիթ չէի տալիս ինքնասիրությունս շոշափելու, որովհետև երբեք տրտունջ չէի հայտնում իմ վիճակից, և ոչ ոք չգիտեր, թե ինչպե՞ս եմ այդտեղ ընկել։ Ես լուռ էի տանջվում, և սրտիս ցավն ուրիշներին անհայտ էր, թե որքան էի տանջվում ― արդեն ասել եմ, ես անզոր եմ արտահայտել, սակայն չնայելով վշտիս անչափ դառնությանը, զսպում էի ինձ և իմ գործին հետևում։ Հենց սկզբից հասկացել էի, որ ընկերներիս ծաղր ու ծանակից չեմ ազատվի, եթե իմ գործը նրանց նման լավ չկատարեմ։ Եվ շուտով ես արհեստիս այնքան լավ հմտացա, որ ոչ ոքից ետ չէի մնում։ Բայց որքան էլ ես մտերմաբար վարվեի նրանց հետ, դարձյալ շարժումներիս ու ձևերիս մեջ կար մի բան, որը որոշակի զատում էր ինձ այդ խմբից և մի հայտնի տարբերություն դնում մեր միջև։ Տղաները ինձ «լիտտլ ջենտ» (փոքրիկ պարոն) և կամ «փոքրիկ Սուֆոլկցի» էին անվանում։ Գրիգոր անունով մի բանվոր, որ բեռ կապողների ուստան էր, և Տիպ անունով մի ուրիշը, որ սայլապան էր, երբեմն պարզապես ինձ «Դավիթ» էին կոչում, սակայն այս պատահում էր մեր առանձին մտերմության րոպեներին, երբ ես, առանց գործս ընդհատելու փորձում էի զվարճացնել նրանց հին ընթերցանությանս բեկորները պատմելով, որոնք արդեն համարյա թե անհետացել էին իմ մտքից։ Մի օր Ալյուրոտ Փաթաթեսը զայրացել էր, թե ինչո՞ւ են այդքան ուշադրություն ընծայում ինձ, բայց Միկ Ուոկրը նույն րոպեին խելքի բերեց հիմարին։

Ոչ մի հույս չէի տեսնում ազատվելու այս տաժանելի վիճակից, չէի էլ մտածում այս մասին։ Սակայն մի րոպե էլ չէի հաշտվում դրա հետ․ ընդհակառակը՝ շատ թշվառ էի համարում ինձ, թեև լռությամբ թաքցնում էի աղետս։ Մինչև անգամ Պեգգոտիին գրած բազմաթիվ նամակներիս մեջ աշխատում էի ճշմարտությունը ծածկել, մասամբ ամոթից, մասամբ էլ սիրուցս դեպի նա։

Մր․ Միկաբրի գործերի խանգարումը, հոգուս տագնապը սաստկացնում էր։ Անտերունչ կացության մեջ ես սրտով կապվել էի նրա տան հետ։ Փողոցներում մենակ շրջելիս շատ անգամ հիշում էի մրս․ Միկաբրի՝ հաշիվներն ու միջոցները և մր․ Միկաբրի պարտքերի բեռը սարի պես ծանրանում էր սրտիս վրա։ Շաբաթ երեկոները, որոնք ինձ համար տոն էին, ― որովհետև նախ՝ հետս վեց կամ յոթ շիլինգ էի բերում, մտածելով, թե ինչե՜ր կառնեմ այս փողով, և երկրորդ՝ վաղ էի վերադառնում տուն, ― այդ երեկոները մրս․ Միկաբրը իմ մոտ էր գալիս և աղիողորմ գանգատներ հայտնում, որոնք շարունակվում էին և կիրակի առավոտները, մինչև ես մի համեստ նախաճաշ էի պատրաստում։ Մր․ Միկաբրի համար մի հասարակ բան էր երեխայի նման լաց լինել, շաբաթ երեկոյան գանգատների սկզբին և դեռ երեկոն չվերջացած՝ մի զվարթ ռոմանս հնչեցնել։ Շատ եմ տեսել, ինչպես նա դառն արտասուք թափելով տուն էր գալիս ընթրիքից առաջ և ասում, թե իր համար բանտից զատ ուրիշ ապաստան չկա, իսկ ընթրիքից հետո հաշիվներ անում, թե ի՞նչ կնստի առաջին հարկում մի պատշգամբ կամ բելվեդեռ շինելը, «եթե հանկարծ բախտը ժպտա»։ Այս առմամբ մրս․ Միկաբրը հար նման էր իր մարդուն։

Չնայելով այդ մարդկանց և իմ հասակի ծաղրաշարժ տարբերությանը, մեր միջև մի տարօրինակ բարեկամություն էր հաստատվել, որ անշուշտ մեր վիճակների հետևանք էր։ Բայց ես քաշվում էի նրանց ընտանեկան սեղանին մասնակցելու հրավերներն ընդունելուց (գիտենալով, որ նրանք հարատև կռվի մեջ են հացթուխի ու մսագործի հետ և իրենք էլ շատ անգամ սոված են մնում), մինչև այն օրը, երբ մրս․ Միկաբրը մի կատարյալ մտերմություն ընծայեց ինձ։

― Մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― ես օտարի տեղ չեմ դնում ձեզ, ուստի և համարձակ հայտնում եմ, որ մր․ Միկաբրի ճգնաժամն արդեն հասել է։

Այս լուրը սաստիկ վշտացրեց ինձ և ես՝ խորին կարեկցությամբ մտիկ տվի մրս․ Միկաբրի արտասուքից կարմրած աչքերին։

― Բացի մի կտոր հոլանդական պանրից, որ բոլորովին անհարմար է մեր մանուկ գերդաստանի պետքերին , ― ասաց մրս․ Միկաբրը, ― մի փշրանք անգամ չի մնացել շտեմարանում։ Հայրիկիս ու մայրիկիս մոտ ապրելիս, ես սովոր էի շտեմարան բառը գոծածել և այժմ լեզուս ինքն իրեն է դա կրկնում։ Ասելիքս այս է, որ մեր տանը բնավ ուտելու բան չկա։

― Աստվա՜ծ իմ, ― գոչեցի ես սոսկալով։

Այդ րոպեին իմ շաբաթական թոշակից գրպանումս մնացել էր մոտ երեք շիլինգ (որից պետք է եզրակացնել, թե մեր խոսակցությունը չորեքշաբթի երեկո է պատահել)․ իսկույն այդ գումարը հանեցի և սրտագին հուզմունքով առաջարկեցի տիկնոջը ― ընդունել իբրև մի փոքրիկ փոխառություն։ Սակայն լեդի Միկաբրը համբուրեց ինձ և ստիպեց, որ գումարը գրպանս դնեմ, ասելով, թե նա երբեք առաջարկս չի ընդունի։

― Ո՛չ, սիրելի մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա, ― այդպիսի բան մտքովս անգամ չի անցել։ Բայց, ազնիվ բարեկամ, կարող եք ինձ համար մի ուրիշ տեսակ լավություն անել, որ մեծ սիրով կընդունեմ։

― Հրամայեցեք, լեդի, ի՞նչ և կամենաք, պատրաստ եմ անել։

― Ես ինքս անձամբ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― զանազան ժամանակ և ծածուկ գրավ եմ դրել մի քանի հատ արծաթեղեն՝ վեց թեյի գդալ, երկու աղաման ու մի զույգ շաքարի ունելի, և փող ստացել դրանց փոխարեն։ Սակայն ծանր բան է երկվորյակներիս հետ վաշխառուի մոտ գնալը, և այն սակարկություննըերը չարաչար նեղում են ինձ, մանավանդ որ հայրիկս ու մայրիկս են միտքս ընկնում։ Ունեմ և մի քանի ուրիշ չնչին իրեր, որոնք մեզ շատ հարկավոր չեն։ Մր․ Միկաբրն իր քնքուշ զգացումով ամենևին ընդունակ չէ մի այնպիսի գործ գլուխ բերել, իսկ ռամիկ Կլիկկետն արժանի չէ, որ ես նրան մի առանձին հավատ ընծայեմ․ այդ կնշանակեր երես տալ նրան։ Ուստի, մաստր, Կոպպերֆիլդ, եթե թույլ տայիք․․․

Մրս․ Միկաբրի միտքը հասկացա և խնդրեցի նրան հրամայել ինձ ինչ էլ կամենա։ Եվ հենց այդ երեկո նա ինձ հանձնարարեց դուրս տանել ավելի թեթև իրերը, և այնուհետև գրեթե ամեն առավոտ, Մեորդստոնի ու Գրիմբիի մոտ գնալուցս առաջ, ես կատարում էի այդպիսի նուրբ պատվերներ։

Մր․ Միկաբրն ուներ մի քանի քիրք դարակի վրա, որ նա անվանում էր մատենադարան․ այդտեղից էլ սկսեցինք։ Գրքերը մի առ մի տանում էի Սիտի Ռոդ, մի հասարակ բուկինիստի մոտ, որ նաև երգեցիկ թռչուններ ծախող էր, և ինչ գնով ասես վաճառում նրան։ Նա իր կրպակի հետևի տանն էր բնակվում և սովոր էր ամեն երեկո լավ հարբել, ամեն առավոտ էլ իր կնոջից ծեծ ուտել։ Երբեմն, երբ վաղ էի գնում նրա մոտ, նա ուռած աչքով ու արյունոտ ճակատով էր լինում և զուր որոնոմ էր իր քրքրված հագուստների գրպանի մեջ այն փողը, որ տալու էր ինձ, մինչ կինն անեծք էր թափում նրա գլխին։ Երբեմն, մարդը փողը կորցրած լինելով, խնդրում էր ինձ մյուս անգամ գալ, սակայն կինը միշտ ճարում էր մի գումար (որ կարծեմ թռցրած էր լինում մարդու գրպանից) և արդեն թաքուն կերպով սանդուղքի վրա ինձ հետ վերջացնում առևտուրը։

Շուտով ես վաշխառուի կրպակումն էլ քաջածանոթ անձ դարձա։ Այս կրպակի ջենտլմենն գործակատարը շատ լավ էր վարվում ինձ հետ և երբեմն, մինչ ինքը բերածս իրերը զննելով էր զբաղվում, ինձ լատիներեն բառեր էր հոլովել տալիս և կամ թե բայեր խոնարհել։

Այս դեպքերից հետո մրս․ Միկաբրն անհրաժեշտ էր համարում մի փառավոր ընթրիք սարքել, որին ինձ էլ ստիպողաբար հրավիրում էր մասնակցել, և լավ միտքս է, թե ինչպես այն ժամանակ քեֆ էր անում նրա սովատանջ գերդաստանը։

Վերջապես մր․ Միկաբրի ճգնաժամը վրա հասավ․ մի առավոտ նրան բռնեցին և Կինգս Բենչի բանտը[11] տարան։ Գնալիս նա ինձ ասաց, թե ընդմիշտ իր արևը խավարել է, և ես հավատացի, թե նրա սիրտն էլ իմի նման կոտրված կլինի։ Սակայն հետո իմացա, որ հենց նույն օրը ճաշից հետո ընկերների հետ զվարթ֊զվարթ կոն է խաղացել բանտի մեջ։

Մր․ Միկաբրի բանտարկության առաջին իսկ կիրակին ես նրան տեսնելու և հետը ճաշելու պիտի գնայի։ Պետք եղավ իմանալ, թե ի՞նչ ճամփով կարելի էր հասնել բանտը։ Ասացին՝ նախ այսինչ տեղը գնալ, հետո այնինչ տեղը, այնտեղից էլ մի ուրիշ տեղ․ հետո կտեսնեմ մի մեծ բակ, ուղիղ կանցնեմ այդ բակով, և դիմացս մի բանտապահ դուրս կգա։ Այդպես էլ արի, և վերջապես բանտապահը դուրս եկավ։ Նրան տեսնելուս պես Րոդրիկ Բեդմոնին հիշեցի, որ մերկ ու թշվառ մարդիկ էր գտել բանտն ընկնելիս։ Սիրտս հանկարծ այնպես թնդաց, և աչքերս այնպես մթնեցին, որ էլ չիմացա, թե բանտապահը ո՞ւր կորավ։

Մր․ Միկաբրն սպասում էր ինձ դռան մոտ․ բարձրացանք նրա սենյակը (հինգերորդ հարկ) և դառնապես լաց եղանք։ Նա հանդիսաբար պատվիրեց ինձ խրատվել իր վիճակից և միշտ հիշել, որ եթե մարդ տարեկան քսան ստեռլինգ եկամուտ ունի և տասնինը ստեռլինգ և տասնինը շիլինգ ու վեց պենս է ծախսում, ասել է թե երջանիկ է․ իսկ եթե քսանմեկ ստեռլինգ ծախսի, այն ժամանակ նա թշվառ, կորած մարդ է։ Այս ասելուն պես մր․ Միկաբրը մի շիշ պորտըր գնելու համար մի շիլինգ պարտք արավ ինձանից, հանուն մրս․ Միկաբրի մի մուրհակ տալով ինձ, թաշկինակով աչքերը սրբեց և նույն րոպեին զվարթացավ։

Նստեցինք մի փոքր վառարանի առջև․ դրա ժանգոտ վանդակից աջ ու ձախ կողմից մի֊մի աղյուս էր դրված, որպեսզի կրակը մեղմ վառվի և շատ ածուխ չսպառվի։ Այդ միջոցին մի ուրիշ պարտապան մր․ Միկաբրի սենյակում ապրող ընկերակիցը, ներս մտավ, մի տապակած գառան ազդր բերելով, որ մեր ընկերովի ճաշը պիտի կազմեր։

― Այժմ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― խնդրեմ հաճեցեք վերևի հարկը բարձրանալ և տեսնել Հոպկինս գնդապետին։ Հայտնեցեք նրան իմ ողջույնը, ասացեք, որ իմ ընկերն եք, և խնդրեցեք մի դանակ ու մի պատառաքաղ շնորհել մեզ։

Հոպկինս գնդապետը երկուսն էլ շնորհեց, խնդրելով փոխադարձ ողջույն հայտնել մր․ Միկաբրին։ Նրա փոքրիկ սենյակում մի կեղտոտ կին և երկու դժգույն աղջիկ տեսա, երկուսն էլ գզգզված մազերով։ Լավ է, որ գնացել էի դանակ ու պատառաքաղ խնդրելու, այլ ոչ թե սանր։ Հոպկինս գնդապետը ինքն էլ իր թավ մորուքով ու սաստիկ մաշված վերարկուով, որի տակ ուրիշ շոր չկար, մի շատ գծուծ ու ողորմելի տեսք ուներ։ Նրա անկողինը ծալված կենում էր մի անկյունոմ, իսկ ընտանիքի պնակները, բաժակներն ու պուտուկները մի դարակի վրա էին շարված։ Գուշակեցի, ― աստված գիտե, թե ինչպես, ― որ թեև գզգզված մազերով աղջիկները Հոպկինս գնդապետի զավակներն են, բայց կեղտոտ կինը նրա ամուսինը չէ։

Որքան էլ մեր ճաշը բոշայական լիներ, բայց և այնպես անախորժ չէր։ Ճաշից հետո, ես ետ տարա Հոպկիսն գնդապետի պատարաքաղն ու դանակը և տուն վերադարձա այցելությանս մասին մրս․ Միկաբրին հաշիվ տալու։ Ինձ տեսնելուն պես նա ուշաթափ եղավ, հետո Էգ֊նոտ[12], որ փոքր֊ինչ մխիթարվենք մեր գործերի մասին խոսելով։

Չգիտեմ ինչպես վաճառվեց տան կահ֊կարասին՝ ընտանիքի ապրուստը հոգալու համար, և կամ թե ով վաճառեց․ միայն այս գիտեմ, որ վաճառողը ես չէի։ Այնուամենայնիվ, կահ֊կարասին վաճառեցին և սայլով տարան, բացի անկողիններից, երկու֊երեք աթոռից և խոհանոցի սեղանից։ Այս մնացած գույքով տեղափոխվեցինք Ուինդզորի Դարափի ամայի տան երկու ներքևի սենյակները, ուր և գիշեր֊ցերեկ ապրում էինք մրս․ Միկաբրը, մանուկները, Որբուկն ու ես, չեմ հիշում մինչև երբ, բայց բավական երկար ժամանակ։ Վերջապես մրս․ Միկաբրը վճռեց բնակություն հաստատել բանտում, ուր իր մարդն արդեն մի ջոկ սենյակ էր ստացել։ Ես հանձնեցի տանտերին նրա փակված տան բանալին, որ նա գոհությամբ ընդունեց, և անկողինները բանտ տարվեցին, բացի իմից։ Իմ բնակության համար մի փոքր խցիկ վարձեցինք Կիգս Բենչի մոտերքում, և ես շատ ուրախացա, որովհետև մր․ Մկաբերի ընտանիքի հետ այնպես սերտ կապվելուցս հետո կդժվարանայի զատվել նրանցից։ Որբ աղախնու համար էլ մի առանձին անկյուն ճարվեց նույն բանտի մոտերքում։ Իմ համեստ խցիկը համարյա թե տանիքումն էր, որտեղից մի զվարճալի պատկեր էր բացվում՝ հետևի բակն իր փայտի պահեստով։ Նա մի դրախտ թվաց ինձ, մանավանդ երբ մտածեցի, որ մր․ Միկաբրի ճգնաժամն արդեն անցել է։

Այդ միջոցին ես շարունակ աշխատում էի Մեորդստոնի ու Գրինբիի մառանում միևնույն հասարակ գործի վրա, միևնույն գռեհիկ ընկերների հետ և միևնույն նվաստ կացության մեջ, ինչպես և առաջ։ Սակայն իմ բախտից ոչ ոքի հետ սերտ բարեկամություն չունեի և երբեք չմոտեցա այն երիտասարդ բանվորներին, որոնք ճաշից հետո քարշ էին գալիս փողոցներում։ Այժմ էլ ես անբախտ էի առաջվա պես, բայց սրտիս վիշտը մենակ էի կրում և թաքցնում։ Միայն երկու փոփոխություն կարող եմ հիշել այդ օրերից․ նախ՝ որ շորերս ավելի մաշվել ու գզգզվել էին, երկրորդ՝ որ բավական թեթևացել էի մր․ Միկաբրի և նրա կնոջ մասին հոգ տանելու կարիքից․ մի քանի ազգականներ ու բարեկամներ արդեն սկսել էին օգնել նրանց, և նրանք ավելի հանգիստ էին ապրում բանտի մեջ, քան երբևիցե իրենց տանը։ Այժմ ես նրանց հետ էի նախաճաշում մի որոշ պայմանով, որի մանրամասնությունները մոռացել եմ։ Մոռացել եմ նմանապես, թե բանտի դռներն առավոտյան ո՛ր ժամին էին այցելուների առջև բացվում․ միայն գիտեմ, որ ես ժամը վեցին վեր էի կենում և Լոնդոնի կամրջի վրա զբոսնելու գնում։ Սիրում էի այնտեղ նստել և անցուդարձ անող բազմությանը նայել, ջրի վրա ցոլացող արևի շողքին մտիկ տալ և կամ Մոնումենտի[13] լուսաճաճանչ գագաթը դիտել։ Երբեմն Որբուկն էլ այնտեղ էր գալիս Տաուըրի[14] մասին սոսկալի բաներ լսելու ինձնից, որոնց ճշմարտությանը ես ինքս հարկավ, հավատում էի։ Երեկոյան սովոր էի բանտ վերադառնալ և մր․ Միկաբրի հետ բակում շրջել, կամ թե մրս․ Միկաբրի հետ ճատրակ խաղալ, ականջ դնելով նրա հիշողություններին այն երջանիկ օրերից, երբ նա իր հայրիկի ու մայրիկի հարկի տակ էր բնակվել։ Արդյոք հայտնի՞ էր մր․ Մեորդստոնին, թե ինչպես և որտեղ եմ ապրում, ― չգիտեմ։ Այս մասին ոչ մեկին բան չէի ասել Մեորդստոնի ու Գրինբիի մառանում։

Թեև մր․ Միկաբրի ճգնաժամն անցել էր, բայց նրա գործերը դեռ խճճված էին մի ինչ֊որ թղթի պատճառով, որի մասին շատ էին զրուցում և կարծեմ պարտատերերի հետ կանխավ հաստատված մի պայմանագիր պիտի լիներ, սակայն դրա բուն նշանակությունը չէի հասկանում և նա ինձ մի դիվային թուղթ էր թվում և կամ թե սատանայի հետ կնքված դաշինք, որի նմանները լսած էի, թե մի ժամանակ գոյություն են ունեցել Գերմանիայում։ Վերջապես այդ մուրհակն անհետացավ ― ո՞ւր և ինչպե՞ս՝ չգիտեմ․ գոնե դադարեց գայթակղության քար լինելուց, ինչպես առաջ էր, և մրս․ Միկաբրը հաղորդեց ինձ, թե «իր ընտանիքի» խորհրդով մր․ Միկաբրը բանտից ազատվելու համար որոշել է սնանկացած հռչակել իրեն և թե հույս կա, որ նրա նման անմեղ մարդը պետական օրենքով վեց ամիս կարձակվի։

― Եվ այն ժամանակ, ― ասաց մր․ Միկաբրը, որ ներկա էր, ― երկնային ողորմությամբ ես կսկսեմ բոլորովին նոր կյանք վարել և երջանիկ կլինեմ, եթե․․․ միով բանիվ, եթե գործերս հաջող ընթանան։

Այդ միջոցին, որքան հիշում եմ, մր․ Միկաբրը մի աղերսագիր էր շարադրում Ստորին Պալատի անունով, որպեսզի Պալատը բարեհաճի պարտ ու պատշաճ ռեֆորմ մտցնել պարտապանների բանտարկության օրենքի մեջ։

Բանտում մի կլուբ կար, ուր մր․ Միկաբրը, իբրև ջենտլմեն, մեծ հեղինակություն էր վայելում։ Նա իր աղերսագրի գաղափարը կլուբին բացատրեց, և կլուբը միաձայն հավանություն հայտնեց նրան։ Այս հավանությամբ քաջալերված, մր․ Միկաբրը, ― որ իսկապես բարի մարդ էր և շատ ժիրաջան այն բոլոր գործերում, որոնք իր անձի հետ ամենևին կապ չունեին, և միշտ պատրաստ զբաղվելու ամեն բանով, որից իր համար ոչ մի օգուտ չկար, ― մեծ եռանդով սկսեց հորինել, մշակել, գրել, ջնջել, ուղղել, մաքրել աղերսագիրը։ Մի քանի օր ու գիշեր այսպիսի եռանդով աշխատելուց հետո շարադրությունը մի ահագին թերթի վրա արտագրեց և իր սեղանի վրա փռեց, ծանուցում անելով թե՛ կլուբի անդամներին և թե՛ բանտի մյուս բնակիչներին, որ որոշյալ ժամին իր սենյակը բարեհաճեն անցնել և այդ թուղթը ստորագրեն։

Թեպետ ես անձամբ ճանաչում էի բանտի բոլոր բնակիչներին, ինչպես և նրանք՝ ինձ, այնուամենայնիվ, այս հանդիսավոր գործողության լուրը հետաքրքրությունս այնքան շարժեց, որ ես մի երկու ժամվա արձակուրդ խնդրեցի Մեորդստոնի և Գրինբիի մառանից և վաղօրոք գնացի նստեցի մր․ Միկոբրի սենյակի մի անկյունում, որպեսզի հյուրերի մեկ֊մեկ ներս մտնելը լավ տեսնեմ։ Կլուբի ավագ անդամները ինչքան որ սենյակում տեղավորվելու հնար կար, արդեն սեղանի շուրջը շարված էին մր․ Միկաբրի հետ միասին, մինչ իմ հին բարեկամ Հոպկինս գնդապետը (որ այս հանդիսավոր դեպքի առթիվ լվացվել էր) անմիջապես սեղանի մոտ էր կանգնել թղթի բովանդակությունը այն անձերին կարդալու համար, որոնք դեռ ծանոթ չէին դրա հետ։ Ահա դուռը բացվեց, և բանտի բնակիչները սկսեցին հետզհետե ներս մտնել, թուղթը հերթով ստորագրել և ստորագրելուց հետո դուրս գնալ, հնարվորություն տալով ներս գալու դրսում դրսում սպասող բազմության։ Հոպկինս գնդապետն ամեն մեկին հաջորդաբար հարցնում էր․ «Կարդացե՞լ եք»։ ― «Ո՛չ» ― Ուրեմն կցանկանա՞ք, որ կարդամ»։ Եվ եթե անդամը գեթ մի թեթև ցանկություն հայտներ լսելու, Հոպկինս գնդապետը հնչուն ձայնով, առանց մի բառ բաց թողնելու, թուղթը ծայրեծայր կարդում էր։ Գնդապետը պատրաստ էր միևնույնը քսան հազար անգամ կարդալ, եթե քսան հազար մարդ մի առ մի նրան լսելու փափագ հայտներ։ Չեմ մոռացել, թե ինչպես քաղցր էին հեղեղում այսպիսի ֆրազները․ «Ազգային ներկայացուցիչների վեհավայր կաճառդ», «ներքոստորագրյալներս պատիվ ունենք խոնարհաբար մատչելու պատկառելի ատյանիդ»․ «նորին վեհափառության ողորմած թագուհու ամենաթշվառ հպատակներս» և այլն։ Կարելի էր կարծել, թե այս խոսքերից յուրաքանչյուրը մի֊մի նյութ է, մի֊մի իրական անուշ բան, որ զմայլեցնում է նրա դեմքը։ Այնինչ մր․ Միկաբրը հեղինակի սնապարծ դեմքով լսում էր նրան և ինքնագոհ ժպիտով մտիկ տալիս դիմացի պարսպի բևեռներին։


ԺԲ․ գլուխ

Մտքումս դրի մի վճռական քայլ անել


Վերջապես արքունի ատյանը մր․ Միկոբրի գործը քննեց ու վճռեց, որ այս ջենտլմենը բանտից ազատվի։ Ես շատ ուրախացա։ Նրա պարտատերերն անողոք չհանդիսացան, և, մրս Միկաբրի ասելով, մինչև անգամ վրեժխնդիր կոշկակարը հայտնեց, թե ամենևին չար միտք չունի նրա դեմ, այլ միայն կամենում է, իրեն հասանելի գումարը ետ ստանալ, որ մարդկային բնության լիովին պատշաճ ցանկություն էր։

Մր․ Միկաբրը ատյանի վճիռը լսելուն պես բանտ վերադարձավ, որովհետև վերջնական արձակում ստանալուց առաջ պարտավոր էր մի քանի մանր ծախքեր հոգալ և մի քանի ձևականություններ կատարել։ Կլուբը ցնծությամբ ընդունեց նրան և միևնույն երեկոյան մի երաժշտական հանդես կազմեց նրա պատվին, իսկ մրս․ Միկաբրը և ես, նրա քնած մանուկներով շրջապատված, մի լավ ընթրիք վայելեցինք։

― Այս երջանիկ դեպքի առթիվ խնդրում եմ ձեզ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― մի բաժակ գրոգ պարպել ի հիշատակ լուսահոգի հայրիկիս ու մայրիկիս։

― Մի՞թե նրանք արդեն մեռած են, ― հարցրի ես, գրոգի բաժակը պարպելով։

― Մայրիկս այս աշխարհից ճիշտ այն միջոցին հեռացավ, երբ մր․ Միկաբրի գործերն արդեն սկսել էին խանգարվել և կամ թե խանգարվելու վրա էին։ Հայրիկս մի քանի անգամ մարդուս համար երաշխավոր եղավ և հետո հոգին ավանդեց, շատերին սուգ պատճառեով։

Մրս․ Միկաբրը գլուխը կախեց և ջերմ արտասուք կաթեցրեց իր գրկում գտնվող երկվորյակի վրա։

Մտածելով, որ դրանից պատեհ վայրկյան չեմ գտնի, ինձ շատ հետաքրքրող մի հանգամանք պարզելու համար՝ հարցրի նրան․

― Կարո՞ղ եմ արդյոք հարցնել, տիկին, թե ի՞նչ եք մտադիր անել այժմ, երբ մր․ Միկաբրը դուրս է եկել նեղ վիճակից և արդեն ազատ է։ Արդյոք մի բան վճռե՞լ եք։

― Իմ գերդաստանը, ― ասաց մրս․ Միկաբրը, որ միշտ հանդիսավոր եղանակով էր արտասանում այդ խոսքերը, թեև ես երբեք հնար չգտա իմանալու, թե հատկապես ո՞ւմ է այդ պատվավոր հորջորջումը վերագրում, ― իմ գերդաստանն այն կարծիքի է, թե մր․ Միկաբրին անհրաժեշտ է Լոնդոնը թողնել և գավառում արդյունավորել իր ձիրքերը։ Մր․ Միկաբրը մեծ ձիրքի տեր անձ է, մր․ Կոպպերֆիլդ։

― Այդ մասին ամենևին տարակույս չունեմ, ― ասացի ես։

― Մեծ ձիրքի, ― կրկնեց մրս․ Միկաբրը։ ― Իմ գերդաստանը հավաստի է, որ մի այդպիսի ջենտլմեն հեշտ կարող է օգտակար լինել Քըստըմ Հոուսում[15]։ Իմ գերդաստանը միայն տեղական ազդեցություն ունենալով ցանկանում է, որ մր․ Միկաբրը Պլիմութ տեղափոխվի։ Գերդաստանիս համոզումով անհրաժեշտ է, որ նա իսկույն այդ քաղաքում հատստատվի։

― Որ նա իսկո՞ւյն պատրաստ լինի, ― հարցրի ես։

― Այո՛, իսկույն, ― վրա բերեց մրս․ Միկաբրը, ― այսինքն մի հարմար դիպված գտնելուն պես։

― Իսկ դո՞ւք, լեդի։ Դո՞ւք էլ նրա հետ Պլիմութ կերթաք։

Այդ օրվա անցքերի, երկվորյակների և գուցե գրոգի ազդեցությամբ մրս․ Միկաբրի ջղերն այնպես էին գրգռվել, որ նա լալով ասաց հետևյալը․

― Ես մենա՞կ թողնեմ մր․ Միկաբրի՜ն։ Երբե՛ք։ Այո, երբեմն պատահել է, որ նա ինձնից իր նեղ վիճակը թաքցրել է, բայց այս արել է այն հավատով, որ մենակ կարող է փորձանքից դուրս գալ։ Այո՛, նա վաճառեց, նույնիսկ կեսից էլ պակաս վաճառեց այն մարգարտե մանյակը և ոսկե ապարանջանը, որ մայրիկս էր ընծայել ինձ․ չնչին գնով դեն գցեց իմ բուստե զարդը, որ հայրիկիս պարգևած հարսանեկան օժիտս էր, բայց և այնպես աստված չանե, որ ես նրան մենակ թողնեմ։ Երբե՜ք, ― գոչեց տիկինը, ավելի հուզվելով։ ― Ո՛չ մի ժամանակ չեմ թողնի նրան։ Այս մասին մի էլ հարցնեք․ ավելորդ է։

Ես փոքր֊ինչ շփոթվեցի․ մտքովս էլ չէր անցել խնդրել մրս․ Միկաբրին, որ նա այդպիսի բան անե․․․ և շվարած նայում էի նրան։

― Մր․ Միկաբրը հարկավ թերություններ ունի։ Չեմ ուրանում անզգույշ է։ Չեմ ուրանում, երկար ժամանակ իր եկամուտների աղբյուրը և պարտքերը ծածկում էր ինձնից, այո՛, այս երկուսն էլ ծածկում էր, ― շարունակեց տիկինը, աչքերը պատին հառեկով, ― բայց և այնպես ոչ մի ժաանակ չեմ թողնի նրան։

Մրս․ Միկաբրի հեկեկանքն ու ճիչը այն աստիճան սաստկացան, որ ես սարսափեցի ու վազելով ընկա կլուբի դահլիճը, ուր մր․ Միկաբրը մի երկար սեղանի գլխին նստած զվարթ երգում էր ընկերների հետ միասին․

Հառա՜ջ Դոբբին,

Հառա՜ջ Դոբբին,

Մի՛ ձախ, մի՛ աջ,

Հառաջ, հառաջ ― հո՜լա, լա, հո՜։

Եվ հենց որ հայտնեցի մր․ Միկաբրին, թե նրա կինն ինչ աղիողորմ դրության մեջ է, նա լաց եղավ և նույն րոպեին ինձ հետ միասին դուրս վազեց, թափ տալով ճանապարհին կարիտոսների գլուխներն ու ոտիկները, որոնք հացկերույթի ժամանակ իր բաճկոնի վրա էին ընկել։

― Էմմա, հրեշտա՜կս, ― գոչեց մր․ Միկաբրը իր սենյակը նետվելով, ― այդ ի՞նչ է պատահել քեզ։

― Ես երբե՜ք չեմ թողնի քեզ, Միկաբր, ― աղաղակեց կինը։

― Հոգյակ իմ, ― ասաց մր․ Միկաբրը, նրան գրկելով։ ― Լիովին աներկբա եմ այդ մասին։

― Զավակներիս հա՜յրն է, երկվորյակներիս հա՜յրն է։ Իմ սրտի ամուսի՜նն է, ― ճվում էր մրս․ Միկաբրը կտրատվելով, ― և ես թողնե՞․․․ թողնե՞մ մր․ Միկաբրին․․․ Ո՛չ երբեք։

Մր․ Միկաբրը այնքան հուզվեց կնոջ անձնվիրության այս ազդու նշաններից (ես հո բոլորովին արտասուքով թրջված էի), որ նրան պինդ սեղմեց կրծքին, աղաչելով իր վրա նայել և հանգստանալ։ Բայց ինչքան շատ էր աղաչում իր վրա նայել, այնքան ավելի դես ու դեն էին շրջվում մրս․ Միկաբրի աչքերը, և քանի շատ էր թախանձում նրան հանգստանալ, այնքան ավելի ընդդիմանում էր տիկինը։ Այս պատճառով մր․ Միկաբրն էլ սկսեց դառնորեն լաց լինել, և նրա արտասսուքը մերինի հետ խառնվեց։

― Խնդրեմ, մաստր Կոպպերֆիլդ, մի աթոռ վերցրեք, ― ասաց վերջապես մր․ Միկաբրը, ― և փոքր֊ինչ ինչ նստեցեք նրբանցքում, մինչև որ սրան անկողին դնեմ։

Ուզում էի բարի գիշեր ասել և բոլորովին հեռանալ, բայց մր․ Միկաբրը թույլ չտվեց։ Տեղի տալով նրա կամքին, ես նստեցի նրբանցքի պատուհանի մոտ և սպասեցի։ Մի որոշ ժամանակից հետո նա էլ դուրս եկավ մի աթոռով և կողքիս նստեց։

― Ինչպե՞ս է այժմ մրս․ Միկաբրը, սըր, ― հարցրի ես։

― Շատ ընկճված է, բարեկամ, ― ասաց մր․ Միկաբրը գլուխը թոթվելով, ― գրգռված է։ Ոհ, ի՜նչ սոսկալի օր էր այս օրը։ Այժմ բոլորովին մենակ ենք․ էլ ոչինչ չի մնացել մեզ համար։

Մր․ Միկաբրը ձեռքս սեղմեց, հառաչեց ու նորից սկսեց լաց լինել։ Այս ամբողջ տեսարանը վերին աստիճանի սիրտս շարժեց և զարմացրեց ինձ։ Կարծում էի, թե մի ուրախ երեկո կունենամ, և չէի սպասել, թե հույսերս այդպես փուչ կելնեն։ Եվ իրավ, ինչո՞ւ պիտի չուրախանային ամուսինները, քանի որ նրանց գործն այնպես լավ էր վերջացել։ Սակայն մր․ Միկաբրը և նրա կինը այնքան էին ընտելացել իրենց գերությանը, իրենց դառը վիճակին, որ կարծես նավաբեկված էին համարում իրենց այդ վիճակից ազատվելով։ Նրանց բոլոր ճկունությունն անհետացել էր, և ես երբեք այսպես թշվառ չէի տեսել նրանց, ինչպես որ այդ երեկո։ Երբ բանտի զանգակն այցելուների հեռանալու ժամն իմացրեց, մր․ Միկաբրն այն աստիճան հուսահատ դեմքով միչև դուռը առաջնորդեց ինձ, որ ես իրոք վախեցա նրանց մենակ թողնել այնտեղ։

Այդ երեկոյան անսպասելի իրարանցման և վհատության մասին մտածելով, տուն գնալիս պարզ տեսա, որ մր․ Միկաբրը և նրա կինը մտադիր են գերդաստանով հանդերձ հեռանալ Լոնդոնից, և թե ուրեմն մեր բաժանումը մոտալուտ է։ Ի՞նչ կմնար ինձ անել այս բարեկամներիս կորցնելուց հետո, որոնք այնքան սիրելի էին դարձել ինձ։ Ամբողջ գիշեր ես այս խնդրով զբաղվեցի անկողնուս մեջ, և ահա այս անքնության միջոցին էր, որ առաջին անգամ, ինքս էլ չգիտեմ թե ինչպես, մի բան անցավ մտքովս, որ և հետզհետե մի որոշ վճռի ձև ստացավ։

Ես այնքան էի մտերմացել Միկաբրենց հետ, այնքան էի ընկերացել նրանց վշտերին, որ մի նոր բնակարան որոնելը և օտար մարդկանց հետ ապրելը միևնույն էր ինձ համար, թե նորից մատնվել կյանքի անհայտ բերմունքներին, որոնց վտանգն արդեն բավականին ճանաչել էի դառը փորձով։ Ողորմելի վիճակիս մասին մտածելիս այնպես դրանից զզվեցի և դրա պատճառած վիրավորիչ զգացումը, խոր վերքը, ամոթն ու կսկիծը այնպես ուժով բորբոքվեցին սրտիս մեջ, որ ես վճռեցի ― չի կարելի այլևս այս վիճակին դիմանալ;

Բայց ո՞վ պիտի ինձ հնար տար ազատվելու դրանից։ Հարկավ, ես ինքս, ուրիշից օգնություն չէր կարելի սպասել։ Միս Մեորդստոնի մասին գրեթե ոչինչ չէի լսում, իսկ մր․ Մերոդստոնի մասին՝ և ոչ մի խոսք։ Միայն մի երկու անգամ նոր ու հին հագուստ էի ստացել Բլենդրոտընից՝ միշտ մր․ Քինիոնի հասցեին գրված տոմսակով, թե «Ջ․ Մ․ հույս ունի, որ Դ․ Կ․ գործով է զբաղված և իր պարտքն արժանապես կատարում է։ Այս տոմսակներում մի ակնարկ անգամ չկար, թե երբևէ կազատվեմ հասարակ բանվորի վիճակից, որին ինձ մատնել էին։

Հետևյալ օրն իսկ իմացա, որ մրս․ Միկաբրը զուր չէր խոսել գնալու մասին։ Նրանք մի շաբաթով սենյակ վարձեցին իմ բնակած տանը, և շաբաթը լրանալուն պես պիտի Պլիմութ մեկնեին։ Ճաշից հետո մր․ Միկաբրն անձամբ եկավ Մեորդստոնի ու Գրինբիի գրասենյակը և հայտնեց մր․ Քինիոնին, թե իր գնալու օրը ստիպված կլինի բաժանվել ինձնից, և այս առթիվ մի գովասանական վկայություն տվեց իմ մասին, որին կարծեմ արժանի էի։ Մր․ Քինիոնը կանչեց Տիպպ սայլորդին, որ ամուսնացած մարդ լինելով մի ավելորդ անկյուն ուներ, և այս անկյունն ինձ համար վարձեց՝ առանց կարծիքս հարցնելու, այնինչ ես արդեն անելիքս վճռել էի։

Ես այսպես մինչև յոթնակի լրանալը մր․ և մրս․ Միկոբրի հետ մի հարկի տակ մնացի, և կարծես թե այդ միջոցին մեր բարեկամությունը ավելի զորացավ։ Վերջին կիրակին նրանք ինձ ճաշի հրավիրեցին, և մենք լավ տապակած թարմ խոզի միս վայելեցինք խնձորի սոուսով և մի պուդինգ։ Մի օր առաջ ես մի փայտե ձի էի գնել փոքրիկ Ուիլկինս Միկաբրի համար, իբրև հրաժեշտի ընծա, և մի տիկնիկ՝ փոքրիկ Էմմայի համար, մի շիլինգ էլ պարգևել էի Որբուկին, որ այժմ անպաշտոն պիտի մնար։

Օրը շատ ուրախ անցավ, թեև ամենքս հուզված էինք վերահաս բաժանման պատճառով։

― Մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― ես երբեք չպիտի կարենամ մր․ Միկաբրի աղետները մտաբերել՝ առանց ձեզ էլ հիշելու։ Ձեր վարմունքը միշտ ազնիվ էր և մարդասեր․ դուք մի վարձաբնակ չէիք մեր տանը, այլ ճշմարիտ բարեկամ։

― Իմ սիրելի Կոպպերֆիլդը, ― ասաց մր․ Միկաբրը, որ վերջերս սկսել էր ինձ այդպես անվանել, ― մի այնպիսի սիրտ ունի, որ ընդունակ է մերձավորների թշվառությանը կարեկցել, երբ որ նրանք ամպով են ծածկված․․․ այնպիսի գլուխ, որ ընդունակ է մտածել․․․ այնպիսի ձեռք, որ․․․ միով բանիվ, մի այնպիսի շնորհ, որ կարող է օգուտ քաղել այդ բոլոր ձիրքերից։

Շնորհակալություն հայտնեցի այդ գովեստի համար և կրկնեցի, թե շատ եմ ցավում, որ իրարից բաժանվելու ենք։

― Իմ պատանի բարեկամ, ― ասաց մր․ Միկաբրը, ― ես ձեզնից ավելի հասակով եմ, ձեզնից ավելի փորձքռու․․․ կարճ ասած՝ ավելի տեղյակ կյանքի դժվար պարագաներին, քան թե դուք։ Առժամանակ, քանի որ գործերս թռիչք չեն առել (որ սակայն ժամե ի ժամ սպասելի է), չեմ կարող ձեզ ուրիշ բան տալ, բացի խորհուրդից։ Եվ այս խորհուրդն ուշադրության արժանի է մանավանդ այն պատճառով, որ նախ․․․ համառոտ ասենք, ես ինքս դրան ոչ մի ժամանակ չեմ հետևել, և երկորդ․․․

Մր․ Միկաբրը, որ մինչ այդ վայրկյանը զվարթերես ու ժպտուն էր, հանկարծ լռելով հոնքերը կիտեց, ապա ասաց․

― Եվ երկրորդ, տեսեք՝ որքա՜ն թշվառ եմ։

― Սիրելի Միկաբր, ― գոչեց կինը։

― Ասում եմ, ― շարունակեց մր․ Միկաբրը առաջվա ժպիտով, ― տեսեք որքան թշվառ եմ։ Խորհուրդս այս է։ Մի թողնեք վաղվան այն բանը, ինչ֊որ կարելի է այսօր անել։ Հետաձգումը ժամանակի գողն է, բռնեցեք նրա օձիքից։

― Հայրիկիս կանոնն էլ այդ էր, ― նկատեց մրս․ Միկաբրը։

― Հոգիս, ― ասաց մր․ Միկաբրը, ― հայրիկդ անշուշտ լավ մարդ էր, և աստված չանի, որ ես նրա արժանիքը նվազեցնեմ։ Այսուհետև հազիվ թե մեզ մի ուրիշ մարդ պատահի, որ նրա պես վայելուչ հագնվեր և նրա հասակում առանց ակնոցի արագ կարդար, ինչ֊որ գրված է թղթի վրա։ Բայց և այնպես մեր ամուսնության վերաբերմամբ նա շատ շտապով իրագործեց վերոհիշյալ կանոնը, և այնքան շտապով, սիրելիս, որ ես միչև այսօր չեմ կարողացել արագահաս հարսանիքի ծախքը հոգալ։

Մր․ Միկաբրը մի կողմնակի հայացք նետեց իր կնոջ վրա և հարեց․

― Սակայն, սիրելիս, ես այդ մասին ամենևին չեմ ցավում․ ընդհակառակն՝ ուրախ եմ։

Ապա նորից հոնքերը կիտեց և մի րոպե լուռ մնաց։

― Երկրորդ խորհուրդս հայտնի է ձեզ, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Տարեկան քսան ստեռլինգ եկամուտ, ծախս՝ տասնինը ստեռլինգ, տասնինը շիլինգ ու վեց պենս, և հետևանքը՝ երջանկություն։ Տարեկան քսան ստեռլինգ եկամուտ, տարեկան ծախս՝ քսան ստեռլինգ ու վեց պենս, և հետևանքը՝ թշվառություն։ Այնուհետև ծաղիկը թառամում է, տերևը չորանում, և ծառն ընկնում․․․ կարճ ասած՝ մարդս ընդմիշտ կորչում է։ Ահա ինձ նման։

Եվ այս օրինակն ավելի մտահար անելու համար մր․ Միկաբրը ամենամեծ ախորժակով մի բաժակ պունշ պարպեց և մի զվարթ որսորդական երգ երգեց։

Ես չհրաժարվեցի ասել նրան, թե այդ կանոնները չեմ մոռանա, թեև հարկ չկար ասելու, քանի որ դրանց ճշմարտության կենդանի օրինակներն արդեն վաղուց քանդակված էին մտքիս մեջ։ Հետևայլ առավոտյան ամբողջ գերդաստանին դիլիժանսների կայարանում հանդիպեցի և ցավոք սրտի ականատես եղա, թե ինչպես նրանք կառքի հետևի և դրսի մասում տեղ բռնեցին։

― Մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― ապրեք, զորանաք։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ էիք դուք մեզ համար, եթե նույնիսկ կարելի լիներ մոռանալ։

― Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― մնաք բարով։ Մաղթում եմ ձեզ երջանկություն և հաջողություն։ Եթե համոզվեմ մշտահոլով տարիների ընթացքում, որ իմ թշվառ ճակատագիրը մի ազդարար դաս է եղել ձեզ համար, ուրեմն աշխարհիս երեսին զուր ապրած չեմ լինի։ Հենց որ գործերս մի հաջող թռիչք առնեն (և գրեթե հավաստի եմ, որ կառնեն), ես կփութամ օգնության աջ մեկնել ձեզ։

Կարծում եմ, որ երբ մրս․ Միկաբրը մանուկների հետ հանդերձ կառքի հետևը տեղ բռնեց, իսկ ես տրտում նրանց նայելով ճամփի վրա մնացի, նրա աչքերի մեգը փարատվեց, և նա տեսավ, որ ես իրոք մի փոքրիկ և անտերունչ էակ եմ։ Այսպես եմ կարծում, որովհետև նա մի մայրական սիրո գգվանքով նշան արեց ինձ, որ կառքի վրա բարձրանամ, հետո վզիս փաթաթվելով մի այնպիսի համբյուր տվեց ինձ, որի նմանը հարազատ որդուն միայն կարող էր տալ։ Դիլիժանսից վայր ցատկելս և նրա մեկնելը մեկ եղավ․ մի քանի վայրկյանից հետո բարեկամներս արդեն չէին երևում իրենց ճոճած թաշկինակների բազմության մեջ։ Եվս մի րոպե և ամեն բան անհետացավ։ Որբուկն ու ես, իրար նայելով, մենակ մնացինք ճանապարհի մեջտեղում։ Հետո իրար ձեռք տվինք, նա, կարծեմ ս․ Ղուկասի որբանոցը գնաց, իսկ ես գնացի որվա գործս սկսելու Մեորդստոնի ու Գրինբիի մառանում։

Սակայն մտադիր չէի այլևս մաշվել այդ մառանում։ Ո՛չ։ Վճռել էի այդտեղից հեռանալ, փախչել, ― որևէ կերպով գնալ գտնել այն միակ ազգականիս, որ մնացել էր աշխարհում, և տատիս պատմել թշվառ կյանքիս արկածները, միս Բեթսիին։

Արդեն ասել եմ ― ես չգիտեմ, թե այս հուսահատական որոշումն ինչպե՞ս ծագեց մտքիս մեջ, բայց նա մի անգամ ծագելուց հետո արդեն հաստատ արմատ բռնեց և անդրդվելի վճիռ դարձավ։ Չեմ կարծում, որ լիովին վստահ լինեի, թե մի լավ բան առաջ կգա իմ վճռից, սակայն համոզված էի, որ վճիռս վճիռ է և անշուշտ պիտի կատարվի։

Առաջին անգամ այս որոշումը անելուս բազմավրդով գիշերվանից իվեր հարյուր անգամ, հազար անգամ հեղեղել էի մտքիս մեջ մայրիկիս հին պատմությունը ծննդյանս մասին, որ ես նրան այնքան սիրով կրկնել էի տալիս և արդեն անգիր գիտեի։ Այդ պատմության մեջ տատս գալիս ու գնում էր, իբրև մի ահեղ երևույթ, սակայն նրա վարմունքի մեջ մի փոքրիկ բան էի նշմարում, որ ինձ սիրտ էր տալիս։ Ես չէի մոռացել, որ մորս ասելով՝ միս Բեթսին մեղմիկ շոյել էր նրա սիրուն մազերը։ Գուցե դա մի ենթադրություն էր մորս կողմից, գուցե տատս ամենևին նրան չէր շոյել․ այնուամենայնիվ, ես այդ դեպքից եզրակացրել էի, որ տատս հարկավ գեթ մի վայրկյան գորովով էր լցվել մորս մանկական գեղեցկությունից, որ ես այնքան հիշում էի, որ ինձ այնքան հաճելի ու սիրելի էր։ Այս միտքը մեղմացնում էր ամբողջ պատմության խստությունը։ Եվ ահա թերևս այս բանից ծագեց իմ որոշումը, որ երկար ժամանակ հոգուս մեջ ապրելուց հետո վերջապես մի անդառնալի վճիռ դարձավ։

Բայց չգիտեի, թե որտեղ է բնակվում միս Բեթսին, ուստի մի երկար նամակ գրեցի Պեգգոտիին, ուր իմիջիայլոց հարցնում էի՝ արդյոք հայտնի՞ է նրան, և հարևանցի ավելացնում, թե նորերս լսել եմ նրա նման մի տիկնոջ մասին, որ ապրում է այսինչ տեղը (տեղի անունն էլ հնարեցի), և այժմ կուզեի իմանալ, թե այդ անձը միս Բեթսի՞ն է, թե՞ մի ուրիշ կին։ Նույն նամակով հաղորդում էի Պեգգոտիին, թե ինձ մի կես գինե է հարկավոր, և թե շատ շնորհակալ կլինեմ, եթե ուղարկի, բայց թե ինչո՞ւ եմ այս գումարը խնդրում, պարտքս վճարելիս կգրեմ։

Պեգգոտին պատասխանը չուշացրեց և նրա նամակը անձնվեր սիրով լի էր, ինչպես և միշտ։ Նա ուղարկում էր ինձ կես գինե (երևակայում եմ ինչ տառապանքով հանած կլիներ մր․ Բարկիսի սնդուկից) և գրում էր, թե միս Բեթսին Դուվրի մոտերքնումն է բնակվում, բայց թե արդյոք բուն Դուվրո՞ւմ թե Հայթո՞ւմ, Սանդգետո՞ւմ թե Ֆոլկստոնո՞ւմ ― այդ չգիտե։ Սակայն մեր բանվորներից մեկը բացատրեց ինձ, թե այդ բոլոր մանր քաղաքներն իրար կից են։ Այս բավական էր, որ ես շաբաթվա վերջը փախուստ տայի։

Իբրև մի պարկեշտ պատանի, չէի ուզում վատ հիշատակ թողնել Մեորդստոնի և Գրիմբիի մառանում․ հետևաբար հարկ համարեցի մինչև շաբաթ երեկո այնտեղ մնալ, և որովհետև ծառայության մտնելիս մի շաբաթվա ռոճիկս կանխիկ էի ստացել, որոշեցի ռոճիկների վճարման ժամին գրասենյակ չգնալ իմ թոշակն ընդունելու համար։ Այս էր ահա կես գինե փոխ առնելու պատճառը․ ճանապարհիս ծախսը դրանով պիտի հոգայի։ Եվ այսպես, երբ շաբաթ երեկոն հասավ, և բոլոր բանվորները Տիպպ սայլապանի առաջնորդությամբ գրասենյակը մտան իրենց վարձը ստանալու, ես Միկ Ուոկրին մի կողմ քաշեցի և խնդրեցի նրան՝ իր հերթը հասնելուն պես ասի մր․ Քինիոնին, թե ես սնդուկս Տիպպի տունը տանելու եմ գնացել․ ապա Ալյուրոտ Փաթաթեսին մնաս բարով ասելով, դուրս փախա։

Սնդուկս իմ հին բնակարանումն էր, դեպի մյուս կողմը։ Նրա համար պատրաստել էի հետևյլա հասցեն․ «Մաստր Դավթին, ցպահանջ, փոստի գրասենյակը, Դուվր։ Հասցեն գրել էի գինետան տակառներին փակցվող տոմսակներից մեկի վրա՝ հակառակ կողմից, և գրպանս դրել այն մտքով, որ հետո սնդուկիս ամրացնեմ․ այսինքն, երբ նա բնակարանից դուրս հանվի։ Այժմ պետք էր մի մարդ գտնել, որ օգներ ինձ սնդուկս դիլիժանսների կայարանը տանելու։

Բլեկֆայըրսի փողոցում, կոթողի մոտ, մի երկայնասրունք տղա տեսա, որ մի իշասայլի առջև էր կանգնած։ Մտովի անցնելիս մտածեցի, թե նա երևի մի բեռնակիր է և սկսեցի դիտել նրան։

― Ի՞նչ ես աչքերդ վրաս չռել, ― գոռաց նա։ ― Գնա կորի՛ր։

Ասացի, թե չար մտքով չեմ նայում նրան, այլ կուզենայի իմանալ, թե արդյոք նա չէ՞ր կամենա մի բան անել ինձ համար։

― Ի՞նչ բան, ― հարցրեց երկայնասրունքը կոպիտ ձայնով։

― Մի սնդուկ տանել։

― Ինչպիսի՞ սնդուկ։

Բացատրեցի, թե իմ սնդուկը, որ այն ինչ տեղ է գտնվում, պետք է Դուվր գնացող դիլիժանսների կայարանը տանել, և թե ես պատրաստ եմ վեց պեննի վճարել նրան։

― Վեց պեննիով կարելի է, ― ասաց նա և իր երկանիվ սայլակի վրա թռչելով, քշեց իշին դեպի իմ բնակարանը, բայց այնպես արագ, որ հազիվ էի հանսում հետևից։

Այդ երիտասարդը հանդուգն դեմք ուներ, որ ինձ բնավ դուր չէր գալիս․ այն էլ դուր չէր գալիս, որ նա խոսելիս հարդ էր ծամում։ Բայց սակարկությունն արդեն վերջացած էր․ էլ չէր կարելի ետ կանգնել։ Ես ու նա սենյակս բարձրացանք և սնդուկս միասին դուրս հանելով՝ սայլակը դրինք։ Ես չուզեցի հասցեի տոմսը սենյակում կպցնել սնդուկին, որպեսզի տանտիրոջ ընտանիքը դիտավորությանս մասին բան չիմանա․ ուստի սայլորդին խնդրեցի, որ մի րոպե Կինգս Բենչի բանտի մոտ կանգ առնի։ Երկայն ոտքերով երիտասարդը բանտ բառը լսելուն պես, իր իշուկին այնպես խփեց, որ մի ակնթարդում ինքն էլ, էշն էլ, սայլն էլ, սնդուկն էլ խելագարվածի նման փախան։ Երբ նրա հետևից հասա, վազելուց ու կանչելուց շունչս արդեն կտրվում էր։

Տոմսը շտապ֊շտապ գրպանիցս հանելիս՝ չգիտեմ, ինչպես եղավ, գինես վայր գցեցի և նույն վայրկյանին վերցնելով բերանս դրի։ Եվ մինչ շտապում էի տոմսակը սնդուկիս կպցնել և արդեն կպցրել էի, սայլորդը հանկարծ ապտակ տվեց կզակիս։ Ոսկին բերանիցս դուրս թռավ և մի ակնթարթում նրա ձեռքն ընկավ։

― Հը՜, ― ասաց նա և չար֊չար ծիծաղելով օձիքս բռնեց։ ― Այս ի՞նչ բան է։ Արևս վկա, ոստիկանին հայտնելու բան է։ Ա՜յ դու սրիկա, ո՞վ գիտե որտեղի՞ց ես ճանկել այս ոսկին։ Դե գնանք ոստիկանի մոտ, ոստիկանի մո՜տ։

― Թողեք ինձ աստծու սիրուն, ― գոչեցի ես։ ― Ետ տվեք փողս։

― Ոստիկանի մոտ։ Բանի էությունը նա կպարզի։

― Ետ տվեք, սնդուկս ու ոսկին, ― գոռում էի ես սաստիկ լալով։

Երիտասարդը պատասխանեց․ ― «Գնանք, գնանք ոստիկանի մոտ» և քաշեց ինձ դեպի էշը, ասես թե այդ կենդանու ու ոստիկանի միջև մի որևէ կապ լիներ․ բայց հանկարծ միտքը փոխեց, սայլի մեջ թռավ։ Եվ ասելով, թե ուղիղ ոստիկանի մոտ է գնում, մտրակեց էշին և արշավեց ավելի հապճեպ, քան թե առաջ։

Ամբողջ ուժս հավաքելով վազեցի, ընկա նրա քամակից, բայց թե՛ շունչս կտրվելուց և թե՛ վախից չէի կարենում ոչ մի մարդ օգնության կանչել։ Մոտ կես մղոն այդպես վազելիս՝ քիչ էր մնում, որ առնվազն քսան անգամ կառքերի տակ ընկնեի։ Մեկ կորցնում էի նրան, մել նշմարում, մեկ մտրակի հարված ստանում փողոցով անցնող կառավարողներից, մեկ ցեխի մեջ գլորվում և վերկենալով նորից վազում, հրում, մշտում անցորդներին, կամ թե զարկվում լապտերի սյունին և դարձյալ վազում․․․ Վերջապես ահից ու տագնապից ուժասպառ և կարծելով, թե ամբողջ Լոնդոնի գոնե կեսը իմ հետևից վազում է, թողի որ սայլորդը սնդուկս ու ոսկին տանի ուր որ էլ սիրտը կամենա։ Այնուհետև ծանր հևալով ու դառն արտասուք թափելով, սակայն առանց կանգ առնելու, ոտք դրի Դուվր տանող Գրինվիչի ճամփի վրա, ― դեպի տատիս անհայտ տունը, ― հետս կրելով այնքան բան, ինչքան բերել էի աշխարհ գալու գիշերը, որ այն աստիճան վրդովել էր միս Բեթսիին։

ԺԳ․ գլուխ

Համարձակ քայլիս հետևանքը


Ինձ թվում էր, թե պատրաստ եմ մինչև նույնիսկ Դուվրը վազել․ բայց վերջապես տեսնելով, որ զուր եմ հետամուտ լինում երիտասարդին, նրա սայլակին ու իշին, Գրինվիչի ճանապարհը բռնեցի։ Այնտեղ փոքր֊ինչ ուշքի եկա և կանգ առա մի դարաթափի առջև, որի մեջտեղում մի ահագին արձան՝ ջուր էր ժայթքում բերանից․ հետո մի դռան շեմքի վրա նստեցի այնպես հոգնած ու ջարդված, որ շունչ անգամ չէի գտնում կորած ոսկիս ու սնդուկը ողբալու։

Արդեն մութը կոխել էր․ դեռ նստած էի․ ժամացույցը տասը խփեց, բայց գիշերն ամառային էր, և եղանակը բարեբախտաբար սքանչելի։ Փոքր֊ինչ շունչ առնելուց հետո, երբ սրտիս թրթռումը մեղմացավ, վերկացա և առաջ գնացի։ Վերադարձի մասին, չնայելով հուսահատական վիճակիս, մտածել անգամ չէի ուզում․ ինձ թվում էր, որ եթե իմ առջև մինչև անգամ զվիցերական ձյունի հյուսեր դիզվեին, դարձյալ ես ետ չէի գնա։

Եվ քայլերս շարունակեցի, թեև միջոցներիս սղությունը (գրպանումս միայն երեք պեննի կար, որոնք չգիտեմ ի՞նչ հրաշքով էին մեջը մնացել մինչև շաբաթ երեկո) արդեն սկսել էր տագնապել ինձ։ Մտքումս արդեն հեղեղում էի մի լրագրական հայտարարություն, որ երկու օրից հետո գուժելու էր, թե մի սովամահ տղա են գտել ցանկապատի տակ․ բայց հակառակ այս մռայլ ենթադրության, արագ ու շտապ առաջ էի գնում։ Վերջապես դիմացս մի կրպակ ելավ, որի ճակատին գրված էր․ «Մր․ Դոլլոբին առնում է տղամարդկանց ու կանանց հին շորեր և լավ գին վճարում ամեն տեսակ հնոտիների, ոսկորների և կերակրի մնացորդների համար»։ Տանտերը նստած էր դռան առջև և լիվլե էր ծխում։ Կրպակի մի պատից դեպի մյուսը չվանների վրա ճոճվում էին անթիվ զգեստներ ու վարտիքներ, և այս բոլորը ցույց տալու համար միայն երկու ճրագ էր վառված կրպակում։ Դրանց աղոտ ու նսեմ լույսի տակ՝ տերը մի վրեժխնդիր մարդ երևաց ինձ, որ իր բոլոր թշնամիներին կախել էր և զվարճանում էր նրանց դիակների տեսքով։

Մր․ Միկաբրի և նրա կնոջ մոտ ձեռք բերած վերջին փորձառությունս անմիջապես թելադրեց ինձ, թե գուցե այդ կրպակում կարելի լինի գեթ առ ժամանակ սովից փրկվելու հնար գտնել։ Ես մտա մի նեղ փողոց բաճկոնս հանեցի, ծալեցի, թևիս տակ դրի և նորից կրպակի դռանը մոտեցա։

― Ներեցեք, սըր, ― ասացի։ ― Ես ծախում եմ այս բաճկոնը, և շատ էժան։

Մր․ Դոլլոբին բաճկոնը վերցրեց, լիվլեն մի կողմ դրեց, ինձ հետ միասին ներս մտավ, ճրագների ծայրը մատներով ուղղեց, բաճկոնս սեղանի վրա փռեց, զննեց, քննեց, շուռ տվեց, հետո բռնեց ճրագի առջև, նորից մի լավ աչքի անցրեց և վերջապես ասաց․

― Ի՞նչ է այս փոքրիկ բաճկոնի գինը։

― Դուք ավելի լավ կիմանաք, սըր, թե ի՞նչ արժի, ― պատասխանեցի համեստաբար։

― Հո չեմ կարող համ գնել, համ ծախել, ― ասաց մր․ Դոլլոբին։ ― Դուք ինքներդ գին դրեք։

― Տասնութ պենս կտա՞ք․․․ ― հարցրի ես վարանելով։

Մր․ Դոլլոնին բաճկոնս նորից ծալեց և ետ տալով ասաց․

― Տունս վաղուց կքանդվեր, եթե մի այնպիսի չնչին բանի համար ինը պենս անգամ վճարեի։

Այդ տեսակետից բանի վրա նայել դժվար էր ինձ։ Ի՞նչ իրավունք ունեի պահանջելու, որ մր․ Դոլլոբին ինձ նման մի օտարակնի օգտին իր տունը քանդեր։ Սակայն կարիքս ստիպողական էր․ պետք եղավ սիրտս ամրացնել և ասել, թե ինը պենսի էլ հոժար եմ, եթե նրան հաճո է։ Մր․ Դոլլոբին փոքր֊ինչ փնթփնթաց և տվեց ինձ ինը պենս։ Բարի գիշեր մաղթեցի նրան և կրպակից դուրս եկա, վաստակելով այդքան գումար և կորցնելով մի բաճկոն։ Սակայն երբ ժակետս կոճկեցի, բաճկոնիս պակասը շատ զգալի չերևաց ինձ։

Այնինչ բավական պարզ գուշակում էի, որ շուտով ժակետս էլ բաճկոնի օրինակին կհետևի, և ես ստիպված կլինեմ միայն շապիկով ու վարտիքով Դուվր հասնել։ Բայց կիսամերկ մնալու վտանգը փույթ չէր ինձ, միայն թե շուտով տեղ հասնեի։ Նորից ճանապարհ ընկա և, ― զարմանալի բան, ― չնայած որ գրպանումս միայն ինը պենս կար, կարծեմ սիրտս զվարթ էր և ուրիշ հոգս չունեի, բացի այն, որ դեռ երկար պիտի գնամ և որ իշի տերը չար օյին խաղաց իմ գլխին։

Ճանապարհին մտածում էի, թե գիշերը որտե՞ղ անցկացնեմ։ Որոշեցի քնել հին պանսիոնիս պարսպի տակ՝ այն անկյունի մոտ, ուր երբեմն խոտ էին դիզում։ Ասում էի ինքս ինձ գոնե նախկին ընկերներիս մոտիկ կլինեմ և այն ննջարանին, ուր այնքան վեպեր էի պատմել, թեև ընկերներս չեն իմանա, որ այժմ որմի տակ պառկած եմ, և ննջարանը պատսպարան չի տա ինձ։

Օրվա դեպքերն և գիշերվա հոգնությունը գրեթե լիովին ընկճել էին ինձ, երբ Բլեքհիսի տափարակին հասա։ Մթության մեջ Սալեմ Հաուսը գտնելը դժվար էր, բայց գտա և մի խոտի դեզ ինձ լավ հայտնի անկյան մոտ․ հետո պարսպի շուրջը պտտեցի, պատուհաններին մտիկ տվի և ստուգելով, որ լույս չկա և ներսի մարդիկ քնած են, ― պառկեցի։ Երբեք չեմ մոռանա այն մենակության ծանր զգացումը, որ սրտիս տիրեց, երբ կյանքումս առաջին անգամ գլուխս գետնին դրի գիշերելու մի մարդաբնակ հարկից դուրս։

Քնեցի․ ինչպես անշուշտ քնած կլինեին և ուրիշ հազարավոր ինձ նման վտարանդի էակներ, որոնց առջև դռները փակ էին և հաչող շներով պահպանված։ Եվ երազ տեսա, իբր թե պանսիոնի անկողնուս մեջ եմ գտնվում և վեպեր պատմում շուրջս հավաքված տղաներին։ Սակայն հանկարծ զարթնելիս, ոչ թե պառկած, այլ նստած գտա ինձ, Ստիրֆորթի անունը թոթովելով և պշնելով դեպի վեր, ուր անթիվ աստղեր պսպղում էին ու շողշողում։ Երբ մտաբերեցի, թե որտե՞ղ եմ ընկած այդ ուշ ժամին, մի տարօրինակ բան զգացի և, չգիտեմ ինչից, խրտնած ոտքի ելա ու սկսեցի ման գալ։ Բայց աստղերի արդեն նվազող նշույլը և երկնքի աղոտ լույսը, որ առավոտի ավետաբերն էին սիրտ տվին ինձ․ և որովհետև շատ հոգնած էի, նորից գետնի վրա ընկա ու քնեցի, թեև զգում էի, որ մրսում եմ ու սարսռում։ Սակայն արևի ճառագայթները տաքացրին ինձ, և հենց որ Սալեմ Հաուսի առավոտյան զանգակը հնչեց, վերկացա։ Եթե հույս ունենայի, թե Ստիրֆորթը դեռ այնտեղ է, կթափառեի շրջակայքում նրա դուրս գալուն սպասելով․ բայց գիտեի, որ նա վաղուց հեռացել է պանսիոնից։ Գուցե Տրեդլսը դեռ մնացած լիներ, բայց չէի կարող թշվառ վիճակս նրան հայտնել․ նրա զգուշության վրա այդքան վստահություն չունեի, թեև սրտի ազնվությունն ինձ լիովին հայտնի էր։ Եվ այսպես հենց այն րոպեին, երբ մր․ Կրիկլի աշակերտները վերկենալու վրա էին, ես պարսպի մոտից թաքուն հեռացա և փոշոտ ճամփով գնացի դեպի Դուվր։ Մի ժամանակ, երբ ես էլ այն աշակերտներից մեկն էի, շատ էի զբոսնել այդ ճամփի վրա, բայց մտքովս էլ չէր անցել, թե մի օր, իբրև պանդուխտ պիտի անցնեմ նույն ճամփով։

Որքա՜ն տարբեր էր այդ կիրակի առավոտն այն կիրակի առավոտից, որ երբեմն վայելել էի Յարմաութում։ Շտապով առաջ դիմելիս տոն օրվա զանգակների ղողանջյունը լսեցի, եկեղեցի գնացող մարդիկ տեսա, մի երկու եկեղեցու մոտով անցա, ուր ժողովուրդն արդեն հավաքվել էր և որտեղից երգի ձայն էր դուրս թռչում, մինչ գավթի ստվերում զովանալով լուռ նստած ժամկոչը վրաս նայում ու զարմանում էր, թե ինչո՞ւ ես ներս չեմ մտնում։ Ամեն մարդ և ամեն բան կիրակնօրյա խաղաղությամբ ու հանգստով երջանիկ էր, բացի ինձնից։ Այս գզգզված մազերովս և հավատացողների շրջանից մերժված մարդու նման էի։ Եթե ես այդ միջոցին չհիշեի լալով նստած սիրուն մորս և նրա վրա գորոված պառավ տատիս պատկերը, հազիվ թե ուժ գտնեի մինչև հետևյալ օրը քայլելու։ Սակայն այս պատկերն ինձ առաջնորդ էր, և ես գնում էի նրա հետևից։

Այդ կիրակի ուղիղ ճամփով քսաներեք անգլիական մղոն անցա, և անցա բավական մեծ դժվարությամբ, որովհետև երկար քայլելու անվարժ էի։ Հիշում եմ, որ ոտքերս արդեն ջարդվում էին, և ես սաստիկ հոգնել էի, երբ ընթրիքի հացս ուտելով փոքր֊ինչ նստեցի Ռոչեստրի կամրջի վրա։ Մի քանի տներ «Ուղևորների համար» վերնագրով հրապուրեցին ինձ, բայց վախենում էի մնացած պենսերս վատնել, վախենում էի մանավանդ ինձ պատահող շրջմոլիկ էակներից։ Այս պատճառով որոշեցի դուրսը քնել, և հասա մինչև Չետեմ։ Գիշերվա ժամին Չետեմը կրի, շարժուն կամուրջների, տղմուտ գետի վրա անկայմ կանգնած նավերի մի մռայլ տեսարան էր ներկայացնում։ Լուռ մոտեցա այնտեղի զինանոցի գալարուն պատնեշին, որի վրա գիշերապահ զինվորը ետ ու առաջ էր քայլում, և պառկեցի մի հրետանու ներքև, ուր մոտիկում գտնվող զինվորի ծանր քայլերով քաջալերված՝ մինչև առավոտ խոր քնեցի։ Զինվորը նույնքան իմ մասին մտածելիս կլիներ, որքան Սալեմ Հաուսի աշակերտները, երբ ես նրանց պարսպի տակ ընկած էի։

Մարմնիս բոլոր անդամները և մանավանդ թմրած ոտքերս սաստիկ ցավում էին առավոտյան, երբ զարթնեցի թմբուկների դոփյունից և քայլող գնդերի տրոփյունից, որոնք կարծես ամեն կողմից պաշարել էին ինձ։ Ես մի նեղ փողոց իջա և զգլով, որ այն օրը չեմ կարող շատ հեռու գնալ, եթե ուժերս չհավաքեմ, որոշեցի հանգստանալ և ժակետիս վաճառման գործով զբաղվել։ Ժակետս հանեցի, որ սովորեմ առանց դրան ման գալու, և թևիս տակ սկսեցի մերձակա կրպակներն աչքի անցնել։

Մի ժակետ ծախելու համար շատ հարմար էր այդ տեղը․ հին շորերով առևտուր անող կրպակների թիվը սակավ չէր, և նրանց տերերը դռների առջև, իրար հետ խոսակցելով կանգնած էին և հարկավ հաճախորդների էին սպասում։ Սակայն հին շորերի հետ միասին կրպակների մեջ պսպղում էին և մի քանի սպայական համազգեստներ ոսկեզօծ ուսադիրներով։ Այդպիսի շքեղ իրեր վաճառող կրպակներից վախենալով, չէի վստահում իմ ապրանքը նրանցից մեկին առաջարկել և երկար ժամանակ ման էի գալիս մոտերքում։

Համեստությունս դրդրեց ինձ աչք դարձնել այն երկրորդական կրպակներին, ուր, ինչպես մր․ Դոլլոբիի մոտ, հասարակ նավաստու հագուստներ էին վաճառվում։ Վերջապես գտա մի այդպիսի անշուք կրպակ կեղտոտ փողոցի եղենջապատ անկյունում։ Նրա բակի ցանկապատի վրա կախված էին նավաստու հին֊հին շորեր, որոնք տեղ չէին գտել արդեն լիքը կրպակում․ իսկ դրա առջև խառնիխուռը դիզված էին հին հրացաններ, ատրճանակներ, գոճաց կաշու գկխարկներ և հազար տեսակ ժանգահար բանալիներ, որոնցով կարծեմ աշխարհիս բոլոր դռները կարելի կլիներ բանալ։

Դողդոջ սրտով մի քանի աստիճան վար իջա այդ ցածր ու անձուկ նկուղի մեջ մտնելու համար, ուր լարերով ծածկված մի փոքրիկ պատուհանը կարծեմ ավելի մթություն էր տարածում, քան թե լույս․ հանկարծ աղտոտ որջի խորքից գորշ մորուքով մի գարշելի ծեր դուրս վազեց և մազերիցս բռնեց։ Սոսկալի էր այդ ծերուկն իր կեղտոտ բրդե բաճկոնով և բերնից սաստիկ փչող ռոմի հոտով։ Նրա որջում կար գծուծ վերմակով մի մահճակալ և մի ուրիշ նեղ պատուհան, որի միջով երևում էր հետևի եղնջոտ դաշտավայրը և մի կաղ էշ։

― Օ՛հ, ի՞նչ ես անում այստեղ, ― ճվաց ծերունին մի վայրենի ու միակերպ ձայնով։ ― Օ՜հ, աչքերս ու անդամներս, ի՞նչ ես ուզում։ Օ՜հ, թոքերս ու լյարդս, ի՞նչ ես ուզում։ Օհ, գուռո՜ւ, գուռո՜ւ։

Այդ ճիչից և մանավանդ վերջին անհայտ խռնչյունից ես այնպես սոսկացի, որ պատասխանելու հնար չգտա։ Ծերունին շարունակ մազերիցս բռնած, դարձյալ գոռաց այնպիսի ճիգ թափելով, որ քիչ էր մնում աչքերը դուրս ընկնեին։

― Օ՛հ, ի՞նչ ես ուզում դու այստեղ։ Օ՜հ, աչքերս ու անդամներս, ի՞նչ ես ուզում։ Օ՜հ, գուռո՜ւ, գուռո՜ւ։

― Եկել եմ հարցնելու, թե այս ժակետը չե՞ք առնի, ― ասացի ես դողդողալով։

― Օ՜հ, հապա տեսնեմ, ի՞նչ ժակետ է, ― գոչեց ծերը։ ― Օ՜հ, սրտիս այրուցքը, տուր տեսնեմ այդ ժակետը։ Օ՜հ, աչքերս, անդամներս, տուր տեսնեմ։

Այս ասելով նա մազերս արձակեց իր գիշատիչ թռչնի ճանկերի նման մատներից և ակնոց դրեց իր բորբոքված աչքերին։

― Օ՜հ, ինչքա՞ն ես ուզում այս ժակետի համար, ― գոչեց ծերը զննելուց հետո։ ― Օ՜հ, գուռո՜ւ․․․ Ուրեմն ինչքա՞ն։

― Երեք շիլինգ, ― ասացի ես, փոքր֊ինչ սիրտ առնելով։

― Օ՜հ, թոքերս ու լյարդս, ո՛չ, ո՛չ, ― աղաղակեց ծերունին։ ― Օ՜հ, աչքերս, ո՛չ։ Օ՜հ, անդամներս, ո՛չ։ Շատ շատ՝ տասնութ պենս։ Չե՞ս ուզում։ Գուռո՜ւ, գուռո՜ւ։

Այս հառաչանքների ժամանակ նրա աչքերը դուրս ցատկելու չափ չռվում էին, իսկ ձայնը քամու նման մեղմ սկսվելով, աստիճանաբար սաստկանում էր և ահագին բախումից հետո հանկարծ կտրվում․ ուրիշ համեմատություն չեմ կարող գտնել։

― Շատ լավ, տասնութ պենսի էլ հոժար եմ, ― ասացի ես, կամենալով շուտ վերջացնել սակարկությունը։

― Օհ, փորս, ― գոռաց ծերը, ժակետս սեղանի վրա շպրտելով։ ― Գնա կորիր այստեղից։ Օ՜հ, թոքերս, անդամներս․․․ գուռո՜ւ․․․ էլ ի՞նչ ես փող հարցնում։ Դրա փոխարեն մի արշին բան վերցրո՜ւ։

Երբեք այդպես չէի սարսափել․ այնուամենայնիվ, խոնարհաբար ասացի, թե ինձ փող է հարկավոր և ուրիշ ոչինչ չեմ ուզում, բայց եթե նրան նեղություն եմ տալիս, դուրս կերթամ և դրսում կսպասեմ նրա վճռին։ Եվ դուրս ելա նրա նկուղից ու մի անկյունի ստվերում նստեցի։ Այնքան նստեցի, որ ժամեր անցան․ ստվերը արևի լույսին տեղի տվեց, լույսը նորից ստվեր դարձավ, իսկ ես շարունակ փողին սպասելով նստած էի։

Ի պատիվ հնավաճառների ուզում եմ կարծել, թե նրանց դասակարգի մեջ ոչ մի ժամանակ այդ խելագար ծերի նման գինևճան մարդ չէր եղել։ Շուտով իմացա, որ նրա այլանդակ բնավորությունը ամբողջ շրջակայքին հայտնի էր և նրան հոգին սատանային ծախած մարդ էին համարում։ Այս իմացա նրա կրպակի առջև անդադար աղմուկ հանող փողոցային մանուկներից, որոնք թռչկոտելով ճչում էին․ ― «Է՜յ, Չարլի, Չարլի, զուր ես աղքատ ձևանում։ Ոսկիներդ շուտով դուրս բեր։ Ցույց տուր, տեսնենք, քանիսո՞վ ես հոգիդ ծախել սատանային։ Դե շուտ արա։ Ոսկիներդ մահճիդ մեջ են, է՛յ Չարլի։ Պատռիր մահիճը և դուրս բեր մի քանի հատ»։ Այս ծաղրական խոսքերը և անկողինը պատռելու համար առաջարկված դանակը ծերին այնքան էին գրգռում, որ նա ամեն րոպե որջից դուրս էր նետվում և մանուկներին հալածում։ Երբեմն էլ, կատաղությունից կուրացած, իմ վրա էր հարձակվում և ինձ էլ նրանցից մեկը համարելով այնպես գոռում, որ կարծես ուզում էր կտոր֊կտոր անել ինձ․ սակայն ժամանակին ուշքի էր գալիս և իսկույն դեպի որջը ետ֊ետ փախչում։ Այնտեղ մոլեգնաբար սկսում էր Նելսոնի մահվան երգը երգել ամեն մի տողից հետո «օ՜հ, օ՜հ, գուռո՜ւ, գուռո՜ւ մռնչալով։ Դժբախտությանս չափը լրացնելու համար փողոցի տղաները տեսնելով ինձ կրպակի մոտ, այն էլ գրեթե անշարժ նստած, կիսամերկ, կարծեցին, թե գիժ ծերունու աշակերն եմ, և սկսեցին քարկոծել ինձ ու նախատել։

Մի քանի անգամ ծերը փորձեց համոզել ինձ, որ փոխանակություն անեմ․ այս նպատակով մեկ ձուկ որսալու կարթ էր բերում իր որջից, մեկ՝ ջութակ, գլխարկ, մեկ՝ սրինգ։ Սակայն ես դիմադրում էի այդ գայթակղիչ առարկաներին և շարունակ նստած մնում, լալագին աղաչելով, որ կամ փողս վճարի, կամ էլ ժակետս ետ տա։ Վերջապես նա սկսեց կես֊կես պեննի դուրս հանել, և այս սակարկությունը երկու ժամ տևեց։

― Օ՜հ, աչքերս, անդամներս, ― գոչեց նա, երկար ժամանակից հետո իր գարշելի գլուխը որջի դռնից դուրս տնկելով։ ― Հոժա՞ր ես, անպիտան, որ բանը երկու պենսով վերջանա։

― Ո՛չ, չեմ կարող, ― ասացի ես։ ― Ուզում եք, որ սովից մեռնե՞մ։

― Օ՜հ, թոքերս ու լյարդս։ Երեք պենս եմ տալիս քեզ։ Առ և գնա։

― Եթե հնար լիներ, առանց մեկ պեննի էլ կերթայի, ― ասացի ես, ― բայց սաստիկ փող է հարկավոր։

― Օ՜հ, գո՜ւռ․․․ռո՜ւ, ― (իրավ չեմ կարող բացատրել, թե ո՞ր աստիճան ահռելի էր այս հռռոցը, որ նա արձակեց դռան հետևից, միայն իր զզվելի գլուխը ցույց տալով)։ ― Դե, թող չորս պենսով վերջանա։ Առ և կորիր աչքիցս։

Այնքան նեղացած ու հոգնած էի, որ վերջապես տեղի տվի և փողը ժլատ ծերունու ճիրաններից վերցնելով, դեռ արևը մայր չմտած ճանապարհ ընկա։ Սովն ու ծարավը չարաչար տանջում էին ինձ, բայց երեք պենս ծախսելով ես լիովին կազդուրվեցի ու նույն երեկոյան տասը վերստ ճանապարհ կտրեցի։

Գիշերը որ վրա հասավ, ուռած ոտքերս առվակի ջրով լվացի, մի քանի թարմ տերևներով փաթաթեցի և պառկեցի մի ուրիշ խոտի դեզի տակ։ Առավոտյան նորից ճանապարհ ընկնելիս անցնում էի այգիների և գայլուկի արտերի միջով։ Աշունը արդեն մոտեցել էր, խնձորները հասել էին, գայլուկը հնձում էին։ Այս ամենը սքանչելի էր, և ես մտքումս դրի առաջիկա գիշերը գայլուկի արտում անցկացնել։ Սիրուն տերևներով պատատված երկարաշար ձողերը լավ ընկեր կլինեն ինձ, մտածում էի ես։

Ցերեկը շատ շրջմոլիկներ էին պատահում ինձ ու վախեցնում։ Նրանցից մի քանիսը կատարյալ սրիկաների նման էին․ անցկենալիս կանգնում էին, ձայն էին տալիս, որ մոտենամ, և երբ ես փախչում էի, քար էին շպրտում իմ հետևից։ Հիշում եմ մեկին, որ իր շալակած կրակարանին ու փուքսին նայելով մի կաթսայագործ պիտի լիներ, նրա հետ գալիս էր և մի կին։ Այդ մարդը այնպես չար֊չար մտիկ տվեց ինձ և այնպես որոտագին ձայնով կանչեց, որ ես ակամա կանգ առա և շուռ եկա։

― Մոտեցիր, երբ քեզ կանչում են, ― ասաց նա, ― եթե ոչ՝ այս րոպեսիս քեզ շան սատակ կանեմ։

Լավ համարեցի ետ դառնալ, և մոտենալով տեսա, որ նրա ընկերուհու մի աչքը ջարդված է։

― Ո՞ւր ես գնում, ― հարցրեց ինձ կաթսայագործը և մրոտ ձեռքով շապկիս օձիքից բռնեց։

― Գնում եմ Դուվր, ― պատասխանեցի։

― Որտեղի՞ց ես գալիս, ― ասաց նա, օձիքս թափ տալով։

― Լոնդոնից։

― Իսկ բան ու գործդ ի՞նչ է։ Սրիկա չե՞ս։

― Ո՛․․․չ, սըր։

― Սուտ ես ասում, փուչ կենդանի։ Տես հա՜, եթե ուզենաս ազնվությամբ պարծենալ, այս րոպեիս գլուխդ կջախջախեմ։

Այս ասելիս նա ազատ բռունցքով ինձ խփելու շարժում արավ։

― Մի շիշ գարեջրի փող ունե՞ս, ― գոռաց նա։ ― Եթե ունես, տուր շտապով, քանի որ ինքս չեմ հանել։

Հարկավ կհանեի, եթե չտեսնեի, որ կինը գլուխը թոթվեց և կարծես «Մի՛»֊ի շարժում արեց շուրթերով։

― Ես բոլորովին աղքատ եմ, սըր, և փող չունեմ, ― ասացի ես, ժպտալու փորձ անելով։

― Խաբում ես, անպիտան, ― գոչեց նա, այնպես սուր նայելով դեմքիս, որ կարծես գրպանիս փողը տեսած լիներ։

― Ոչ, սը՛ր, ― թոթովեցի ես։

― Հապա որտեղի՞ց ես թռցրել այս իմ եղբոր թաշկինակը։ Ետ տուր իսկույն։

Մի վայրկյանում նա վզիս մետաքսե թաշկինակը հափշտակեց և կնոջը շպրտեց։

Կինը իբր թե հանաքի տեղ դնելով այդ, ծիծաղեց և թաշկինակս դեպի ինձ նետեց։ Նա դարձյալ ինձ մի նշան արեց շրթունքով, թե՝ փախի՛ր․․․ Սակայն առաջ, քան նրա պատվերին հետևեի, կաթսայագործը այնպես ուժով թաշկինակը ձեռքիցս կորզեց, որ ես փետրի նման ետ թռա։ Հետո իր վզին փաթաթեց, կնոջը դարձավ, հայհոյեց և մի հարվածով նրան տապալեց։ Երբեք չեմ մոռանա, թե՝ կինը ինչպես գետնին փռվեց և նրա մազերը փոշու հետ խառնվեցին։ Արդեն բավական հեռացել էի, երբ մի անգամ ետ նայեցի․ կինը նստած էր ճանապարհի եզերքին և երեսից հոսող արյունը շալով սրբում էր մինչ կաթսայագործն արդեն շարունակում էր իր ուղին։

Այս արկածն այն աստիճան վախեցրեց ինձ, որ հետո մի կասկածելի մարդ տեսնելուս պես ճանապարհից շեղվում էի և մի ապահով տեղ թաքնվում, մինչև որ նա բոլորովին անհետանար։ Եվ որովհետև այսպիսի շեղումներ շուտ֊շուտ էին պատահում, ուղևորությունս երկար տևեց։ Սակայն ես ամենևին չէի վհատվում։ Թե այս և թե ուրիշ սրանց նման փորձանքների մեջ ինձ սիրտ էր տալիս մանկամարդ մորս սիրուն պատկերը, այն պատկերը, որ դեռ իմ աշախարհ գալուցս առաջ հատուկ էր նրան։ Այս երևակայական պատկերը շարունակ ինձ ուղեկից էր։ Նա հետս էր, երբ պառկում էի գայլուկի արտում քնելու, հետս էր և առավոտյան զարթնելիս․ ամբողջ օրը նա գնում էր իմ առջևից։ Նրա մասին մտածելով՝ ես մտա Կենտրբըրի և այն օրից մինչև այսօր այդ քաղաքի լուսապայծառ մեծ փողոցը, տներն ու դռները, հոյակապ մայր տաճարը, վրան սավառնող թռչուններով, մորս պատկերի հետ կապված մնացին մտքիս մեջ։ Երբ վերջապես Դուվրի ավազոտ դաշտի վրա ոտք դրի, նույն պատկերը, շրջակա տեսարանի տխրությունը հուսատու լույսով զվարթացրեց և չթողեց ինձ մինչև այն րոպեն, երբ ես, վեցօրյա թափառումից հետո, առաջին անգամ մուտք գործեցի այն քաղաքը, որ իմ բուն նպատակն էր։ Եվ զարմանալի բան․ մինչ պատռոտած մուճակներով, կիսամերկ մարմնով, արևակեզ, փոշոտ դեմքով արդեն մտել էի ամենաջերմ ձգտումներիս առարկա դարձած քաղաքի մեջ, ― տենչալի պատկերը հանկարծ մի երազի պես անհետացավ և ես մենակ, անօգնական և հուսահատ մնացի։

Ամենից առաջ թիավարներին սկսեցի հարցնել տատիս մասին և զանազան պատասխաններ ստացա։ Մեկն ասաց, թե մեծ փարոսի մոտերքում է բնակվում և այս պատճառով նրա ընշանցքը խանձվել է․ մյուսը՝ թե կապված է նավահանգստի դրսի խարսխին և միայն ծովի տեղատվության ժամանակ կարելի է տեսնել նրան․ երրորդը՝ թե նրան բանտարկել են երեխաներ գողանալու համար․ չորրորդը՝ թե վերջին փոթորկի ժամանակ մի ավելի վրա է նստել և թռել փախել դեպի Կալե։ Թիավարներից հետո կառապաններին դիմեցի․ բայց նրանք էլ տատիս չհարգող անպատկառ հանաքիչներ դուրս եկան, իսկ մանրավաճառ խանութպանները, իմ արտաքին տեսքին նայելով մինչև անգամ առանց հարցիս սպասելու պատասխան էին տալիս՝ թե ոչ մի ապրանք դեռ չեն ստացել ինձ համար։ Եվ այսպես ճանապարհիս վերջակետին ես ավելի թշվառ էի, քան թե ամբողջ թափառմանս միջոցին։ Փողերս բոլորովին հատել էին, էլ ծախելու բան չունեի։ Ես սոված էի, ծարավ էի, ուժաթափ էի և կարծես նույնքան հեռու իմ նպատակից, որքան և Լոնդոնում էի։

Մինչ այդպես հարցուփորձ էի անում, առավոտն անցավ։ Վերջապես շուկայի մոտերքում մի փակ կրպակի առջև նստեցի և սկսեցի մտածել, թե այժմ քայլերս ո՞ր կողմն ուղղեմ։ Այդ միջոցին հրապարակով անցնող մի կառապանի ձիու ծածկոցը վայր ընկավ։ Վերցրի ծածկոցը և կառապանին տալիս, նրա բարի դեմքը նկատելով սիրտ արի հարցնելու, թե արդյոք կարո՞ղ է ասել՝ որտե՞ղ է բնակվում միս Տրոտուդը, թեև այս հարցումը ստեպ կրկնելուց լեզուս արդեն հոգնել էր։

― Տրոտո՞ւդ․․․, ― ասաց կառապանը։ ― Սպասիր։ Այդ անունը կարծեմ լսել եմ։ Մի պառավ տիկին է, չէ՞։

― Այո, ավելի պառավ, քան ջահել, ― ասացի ես։

― Իրեն այսպես ուղիղ պահո՞ղ, ― ասաց կառապանը, ինքն էլ ուղիղ դրստվելով։

― Այո՛, այո՛, նա կլինի։

― Միշտ էլ ձեռքին մի պայուսա՞կ, դեմքն էլ խոժո՞ռ, իսկ խոսելիս բավական դաժան և կտրո՞ւկ։

Ուրախությունից սիրտս թնդաց՝ այս նկարագրի անսխալ ճշտությունը լսելով։

― Ուրեմն, սիրելիս, լսիր ինչ կասեմ, ― ասաց կառապանը մտրակը դեպի ծովափն ուղղելով։ ― Եթե ուղիղ այսպես գնաս, հետո դեպի աջ, ծովափի մոտ մի քանի տներ կտեսնես։ Այնտեղ արդեն ամեն մարդ նրա տունը ցույց կտա։ Բայց դժվար թե կարողնաս մի բան պոկել նրանից։ Ահա քեզ մի պեննի։

Շնորհակալությամբ ընդունեցի այդ պեննին և իսկույն մի հաց գնեցի։ Հացն ուտելով, բարեկամիս ցույց տված կողմը գնացի և բավական երկար ման գալուց հետո մի քանի տներ տեսա։ Մտա մի խանութ և հարցրի ― չե՞ն կարող արդյոք ասել, որտեղ է բնակվում միս Բեթսի Տրոտուդը։ Այս դիմումն ուղղեցի սեղանի հետևը կանգնած մարդուն, որ բրինձ էր կշռում մի նորատի աղջկա համար, սակայն վերջինս, կարծելով թե իրեն եմ հարցնում, իսկույն շուռ եկավ և ասաց․

― Իմ տիրուհի՞ն։ Ի՞նչ եք կամենում նրանից։

― Կուզեի խոսել նրա հետ, եթե թույլ տաք, ― ասացի ես։

― Այսինքն՝ ողորմություն խնդրել նրանից, հա՞։

― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ― վրա բերի ես իսկույն, բայց նույն րոպեին էլ հիշելով, որ գալուս նպատակը հենց այդ էր, շփոթվեցի և զգացի, որ երեսս կարմրում է։

Տատիս նաժիշտը (գոնե իր խոսքերի հիման վրա այդպիսի պաշտոն վերագրեցի նրան) բրինձը փոքրիկ զամբյուղը դրեց և դուրս ելավ խանութից, ասելով, որ իրեն հետևեմ, եթե ուզում եմ միս Տրոտուդի կեցած տեղն իմանալ։ Երկրորդ թույլտվությանը չսպասած, գնացի աղջկա հետևից, թեև ծնկներս սրտիս հուզումից ծալվում էին, և մենք հասանք մի շատ գեղեցիկ տնակի, որ կամարաձև պատուհաններ ուներ։ Նրա պատշգամբի առջև մաքուր ավազով հատակած մի քառակուսի ծաղկոց էր տարածվում։

― Ահա միս Տրոտուդի տունը, ― ասաց աղջիկը։ ― Էլ ուրիշ ասելիք չունեմ։

Ասաց ու դռնակից ներս վազեց, ասես վախենալով, որ գալուս համար պատասխանատու չդարձնեն իրեն։ Ես ցանկապատի մոտ մնացի և վշտահար մտիկ էի անում տան դահլիճի պատուհանին։ Դրա կիսաբաց շղարշե վարագույրի միջով միայն մի կանաչ լուսարգել տեսա, որ պատուհանի շրջանակին էր հաստատված, մի փոքրիկ սեղան և մի ահագին բազկաթոռ, որի մեջ գուցե նույն րոպեին իմ տատը նստած լիներ պատկառելի վեհությամբ։

Մուճակներիս վիճակը ողորմելի էր։ Ներբանները մաս֊մաս պոկվել էին, իսկ երեսների կաշին այնքան պատռվել ու ծակոտվել, որ նախկին ձևի հետքն անգամ չէր մնացել։ Գլխարկս (որ ի դեպ ասեմ՝ գիշերվա գլխանոցի պաշտոն էր վարել շատ անգամ) այնքան ճմլված էր, որ աղբակույտի կոտրած փարչն անգամ չէր ամաչի հետը մրցել։ Իսկ գիշերվա խշտիների խոտով ու ցեխով կեղտոտված, ծվեն֊ծվեն դարձած վարտիքս ու շապիկս համարրձակ կարող էին թռչնահալած խրտվիլակի դեր կատարել տատիս այգում։ Լոնդոնից դուրս գալուցս ի վեր ոչ մի սանր, ոչ մի խոզանակ չեր շոշափել մազերս։ Երեսիս, ձեռքերիս ու վզիս կաշին անդադար արևի ու հողմի ազդեցությանը ենթարկվելով բոլորովին ճաքճքել էր ու սևացել։ Ես նման էի կրի հնոցից նոր դուրս պրծած բանվորի․ ամբողջ մարմինս սպիտակ փոշով էր ծածկվել։ Ահա այս էր կերպարանքս, որով պիտի առաջին անգամ ներկայանայի ահեղ տատիս, և շվարած մտածում էի․ նա ի՞նչ կզգա ինձ այդպես այլանդակ տեսնելով։

Մի քանի ժամանակ այս դրության մեջ սպասելուց հետո, ոչ մի շարժում չտեսնելով դահլիճի պատուհանում, հետևություն արեցի, թե տատս այնտեղ չի լինի։ Այնուհետև աչքերս երկրորդ հարկի պատուհանին ուղղեցի, որի մեջ մի կարմրայտ, բարեհամբյուր և գորշահեր ջենտլմեն նկատեցի, որ ինձ նշմարելուն պես ծաղրալի կերպով մի աչքը խփեց, մի քանի անգամ դեմքը ծռեց, գլխով արավ, հետո ժպտաց ու հեռացավ։

Առաջ էլ շփոթված էի, բայց այդ անսպասելի արարքից ավելի նեղն ընկնելով արդեն ուզում էի մի տեղ թաքնվել՝ անելիքիս մասին լավ մտածելու համար, երբ տանից հանկարծ մի տիկին դուրս ելավ։ Գլուխը թաշկինակով կապած էր, հագին ուներ պարտիզպանի ձեռնոցներ, թևից կախ էր արել հարկահանի տոպրակի նման մի պայուսակ և բռնել էր մի մեծ դանակ։ Մի նայելով իմացա, որ նա միս Բեթսին է․ գալիս էր ճիշտ այնպես հաստատ քայլերով ու սիգաճեմ, ինչպես մորս ասելով՝ մի ժամանակ ման էր եկել մեր Բլենդրտընի պարտեզում։

― Կորի՛ր, ― ասաց միս Բեթսին, գլուխը ցնցելով և դանակն օդում շարժելով։ ― Գնա կորի՛ր։ Այստեղ ոչ մի տղա ոտք դնելու իրավունք չունի։

Սրտատրոփ դիտում էի նրան։ Նա գնաց ծաղկոցի մի անկյունը և սկսեց մի ինչ֊որ արմատ փորել։ Այն ժամանակ ես հուսահատ մարդու քաջությամբ ոտքերիս ծայրով ներս մտա և նրա մոտ կանգնելով թեթև դիպա նրա զգեստին։

― Աղաչում եմ, տիկին․․․ ― սկսեցի ես։

Նա երերաց և վրաս նայեց։

― Աղաչում եմ, տատի՛կ։

― Իի՞նչ, ― գոչեց միս Բեթսին անասելի զարհուրանքով։

― Թույլ տվեք, տատիկ․․․ ես ձեր թոռն եմ։

― Աստված իմ, ― ասաց տատս, և ասելն ու հողի վրա նստելը մեկ եղավ։

― Ես Դավիթ Կոպպերֆիլդն եմ, Բլենդրոտընից։ Սուֆոլկի կոմսությունից․․․ Դուք եղել եք մեր տանը մի ուրբաթ գիշեր․․․ աշխարհ գալուս գիշերը, և տեսել սիրելի մորս։ Նա մեռավ և այն օրից ես շատ ու շատ թշվառ եմ։ Ինձ արհամարհեցին, անտես արին, ուսում չտվին և հետո մի այնպիսի գործի դրին, որ անենևին հարմար չէր ինձ։ Ես վճռեցի ձեզ մոտ փախչել։ Ճանապարհիս հենց սկզբին ինձ կողոպտեցին․ շարունակ վեց օր ոտքով եմ եկել և մեկնելուս օրից անկողնու մեջ չեմ քնել։

Այստեղ հանկարծ սիրտս լցվեց, միանգամայն քաջությունս կորցրի և հնոտիներս ցույց տալով, որոնք քաշած աղետներիս վկան էին, սկսեցի սաստիկ հեկեկալ և այնքան արտասուք թափեցի, ինչքան որ հավաքվել էր սրտիս մեջ ամբողջ շաբաթվա ընթացքում։

Մինչ այդ՝ տատիս երեսը զարմանքից բացի, ուրիշ զգացում չէր արտահայտում․ ավազի վրա անշարժ նստած, նա ակնապիշ նայում էր ինձ։ Բայց հենց որ սկսեցի լաց լինել, մի ակնթարթում տեղից վեր թռավ, օձիքս բռնեց և ինձ քաշելով իր սենյակը տարավ։ Այնտեղ նա ամենից առաջ մի մեծ դարակ բաց արեց, մի քանի հատ շիշ հանեց և սկսեց ամեն մեկից հեղուկներ ածել բերանս։ Պետք է կարծել, թե այդ շշերն առանց ջոկելու էր վերցնում, որովհետև ինչպես հաստատ հիշում եմ, ես թե՛ անիսոնի ջուր կուլ տվի, թե՛ անչոուսի սոուս, թե՛ քացախ և թե՛ ձեթ։ Բայց այս կազդուրիչ դարմանները ցանկալի ազդեցություն չունեցան, և ես շարունակում էի լալ ու ճվալ։ Այն ժամանակ տատս բազմոցի վրա պառկեցրեց ինձ, գլխիս տակ մի շալ փռեց և ոտքերիս տակ մի թաշկինակ, որպեսզի բազմոցի երեսը չաղտոտեմ, իսկ ինքը նստեց արդեն հիշված բազկաթոռի մեջ, լուսարգելի հետևը, այնպես որ ես իր դեմքը չտեսնեմ, և սկսեց հառաչել, մերթընդմերթ թնդանոթի բոմբյունի պես «Տեր ողորմյա» արձակելով։

Փոքր֊ինչ հետո զանգակը հնչեցրեց։

― Ջենետ, ― ասաց նա ներս մտնող սպասուհուն, ― վերև գնացեք, իմ կողմից մր․ Դիկին բարև արեք և ասացեք, որ հետը խոսելու բան ունեմ։

Ջենետը կարծեմ զարմացավ, փայտի նման պառկած տեսնելով ինձ (տատիս անհանգիստ չանելու համար չէի շարժվում), բայց ոչինչ չասաց և իսկույն հեռացավ լսած պատվերը կատարելու։ Տատս ձեռքերը հետևը դրած վեր ու վար ման էր գալիս սենյակում։ Վերջապես այն ջենտլմենը, որ փոքր֊ինչ առաջ քիթը բերանը ծռմռելով նայել էր ինձ երկրորդ հարկի պատուհանից, ժպիտը երեսին ներս մտավ։

― Մր․ Դիկ, ― ասաց տատս, ― խնդրեմ հիմար չձևանաք, որովհետև ոչ ոք չի կարող ձեզնից ավելի խելոք լինել, եթե միայն կամենաք։ Այդ մենք գիտենք։ Ուրեմն հիմար չձևանաք։

Ջենտլմենի դեմքը մի վայրկյանում լրջացավ, և նա ինձ այնպես մտիկ տվեց, որ կարծես ուզում էր ասել․ Տես հա՜, պատուհանի դեպքը մարդու չասես։

― Մր․ Դիկ, ― շարունակեց տատս, ― արդյոք լսե՞լ եք Դավիթ Կոպպերֆիլդի անունը։ Խնդրեմ չասեք, թե ձեր հիշողությունը տկար է․ երկուսս էլ լավ գիտենք, որ շատ սուր է։

― Դավիթ Կոպպերֆիլդ․․․ ― ասաց մր․ Դիկը, որ կարծես շատ բան չէր հիշում այդ մասին։ ― Դավիթ Կոպպերֆի՞լդ։ Այո՛, հարկավ։ Ինչպես չէ։ Լսել եմ։ Դավիթ, անշուշտ։

― Շատ լավ, ― ասաց տատս։ ― Ուրեմն իմացեք․ ահա նրա որդին։ Սա իր հոր նման կլիներ, եթե մորը նման դուրս չգար։

― Նրա՞ որդին, ― կրկնեց մր․Դիկը։ ― Այսինքն Դավթի՞ որդին։ Իրա՞վ։

― Այո, ― հաստատեց տատս։ ― Եվ սա մի լավ օյին է խաղացել, առել փախել է։ Ահ, երբեք սրա քույր Բեթսի Տրոտուդը այսպիսի բան չէր անի, փախուստ չէր տա։

Տատս գլուխը շարժեց լիակատար վստահությամբ, որ քույրս մի ուրիշ բնավորություն կունենար և այդպիսի բան չէր անի, թեև աղջիկը աշխարհ երբեք չէր եկել։

― Էհ, ― ասաց մր․ Դիկը, ― մի՞թե քույրը չէր փախչի։

― Այդ ի՞նչ հարց է, ― գոչեց տատս զայրագին։ ― Եթե ասում եմ՝ չէր փախչի, ուրեմն չէր փախչի։ Նա իր տատի մոտ կապրեր, և մենք իրար կսիրեինք։ Եվ ասացեք խնդրեմ, ինչո՞ւ կփախչեր սրա քույր Բեթսի Տրոտուդը, և ո՞ւր կփախչեր իմ տանից։

― Ոչ մի տեղ, ― ասաց մր․ Դիկը։

― Հետևաբար, մր․ Դիկ, ― ասաց տատս, այդ պատասխանով մեղմացած, ― ինչո՞ւ եք ապուշ ձևանում, քանի որ դուք նշատարից էլ սուր միտք ունեք։ Այժմ տեսնում եք ձեր առջև կրտսեր Դավիթ Կոպպերֆիլդին, և ես ուզում եմ իմանալ ձեզնից, թե ի՞նչ անեմ սրան։

― Ի՞նչ անեք, ― կրկնեց մր․ Դիկը մեղմ ձայնով և ծոծրակը քորելով։ ― Ի՞նչ անեք։ Այս տղին, հա՞։

― Այո, ― ասաց տատս լրջորեն և ցուցամատը բարձրացնելով։ ― Մտածեցեք, ես կարոտ եմ մի հիմնավոր խորհրդի։

― Հը, ի՞նչ խորհուրդ տամ, ― ասաց մր․ Դիկը։ ― Եթե ձեր տեղը լինեի․․․ ― շարունակեց նա աչքերը վրաս տնկելով, ― ես ձեր տեղը որ լինեի․․․ ― իմ պատկերը հանկարծ մի միտք թելադրեց նրան և նա ասաց քաջաբար, ― սրան բաղնիք կտանեի։

― Ջենետ, ― ասաց տատս հաղթական ժպիտով, որի իմաստը չհասկացա այն ժամանակ, ― մր․ Դիկը միանգամից ամեն բան վճռեց։ Լոգարանը պատրաստեցեք։

Թեև ես շատ ուշադիր էի այդ խոսակցությանը, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր աչքով դիտում էի տատիս, մր․ Դիկին, Ջենետին և նույնիսկ սենյակը։

Տատս մի բարձրահասակ տիկին էր․ դեմքի գծերը խիստ էին, բայց ոչ անհաճո։ Երեսի վրա, ձայնի, կեցվածքի, քայլվածքի մեջ մի տեսակ անընկճելի զորություն կար, որ հասկանալի է, թե ի՞նչ ուժգին ազդեցություն արած կլիներ մորս պես քնքուշ էակի վրա․ սակայն չնայելով պատկերի բրտությանը ու կարծրությանը, նա ավելի գեղեցիկ էր, քան տգեղ։ Ինձ զարմացրին մանավանդ նրա աշխույժ ու վառվռուն աչքերը։ Երկու մասի բաժանված գորշ մազերն ամփոփված էին մի անպաճույճ գլխանոցի տակ, որի երկու ծայրերը հանգույց էին կազմում կզակի ներքև։ Մոխրագույն շրջազգեստը շատ մաքուր էր և կարծես դիտավորյալ այնպես ձևած, որ նրա շարժումները չարգելի։ Սկզբում այդ զգեստը մի կարճեցրած ամազոնկա թվաց ինձ, թեև տատս ոչ մի ժամանակ ձի չէր հեծել։ Նա կրում էր տղամարդու ոսկե ժամացույց՝ մեծ շղթայով ու կնիքով։ Շապկի շուրթերն էլ պարանոցի ու դաստակի վրա ճիշտ այրական շապկի ձև ունեին։

Մր․Դիկը գորշահեր էր և կարմրայտ․ նրա մասին այսքան ասելը բավական էր, եթե հարկ չլիներ ավելացնել, թե սովոր էր գլուխը թեք բռնել, սակայն ոչ ծերությունից։ Այս ինձ հիշեցնում էր մր․ Կրիկլի աշակերտներից մեկի գլուխը, որ նմանապես թեքվում էր ծեծից հետո։ Մր․ Դիկի դուրս ընկած գորշ ու խոշոր, միշտ տամկափայլ աչքերը, մտամոլոր հայացքը, անպայման հնազանդությունը միս Բեթսիին և այն մանկական հրճվանքը, որ զգում էր տատիցս գովեստ լսելիս, առիթ էին տալիս կարծելու, թե նա փոքր֊ինչ խելացնոր է։ Եթե այսպես է, հապա ինչո՞ւ էր տատիս մոտ ապրում, հարցնում էի ինքս ինձ, և չէի կարողանում պատասխան գտնել։ Նա հագել էր իբրև վայելուչ ջենտլմեն, մի մոխրագույն լայն զգեստ ու բաճկոն և սպիտակ անդրավարտիք, իսկ վզին ուներ ժամացույցի ոսկե շղթա։ Գրպաններում փող կար, որ ասես թե պարծենալով անդադար շղկացնում էր։

Ջենետը մոտ քսան տարեկան սիրուն աղջիկ էր, շատ մաքուր ու կոկիկ։ Թեև նրա վրա այդ միջոցին մի ուրիշ բան չնկատեցի, բայց հետո իմացա, թե Ջենետն այն բազմաթիվ նաժիշտներից մեկն է, որոնց տատս հատկապես նրա համար էր իր մոտ պահում, որ վարժեցնի նրանց ատելով ատել տղամարդկանց։ Այս կրթությունը սովորաբար նրանով էր վերջանում, որ բոլորն էլ մարդու էին գնում այս կամ այն փռնչու։

Սենյակն էլ Ջ ենետի կամ տատիս պես մաքուր էր։ Մի րոպե առաջ, երբ այն սենյակի մասին մտածելով գրիչս վայր դրի, հանկարծ երեսիս մի ծովային օդ փչեց՝ ծաղիկների բույրով լի, և նորից տեսա փայլուն ու հստակ կահ֊կարասին, տատիս անմատչելի բազկաթոռն ու կլոր սեղանը պատուհանի կանաչ լուսարգելի մոտ, գորգի վրա փռած կտավը, թեյամանի նախշուն ծածկոցը, կատուն, երկու դեղձանիկը, հին չինապակու անոթները, վարդերով լցված սափորը, զանազան բաժակներով, շշերով ու սրվակներով լի պահարանը և վերջապես, ինչ֊որ բնավ չի հարմարվում այդ բոլորին, դիվանի վրա տարածված և ակնապիշ շուրջը նայող մի փոշոտ տղա՝ այսինքն ինձ։

Ջենետը նոր էր գնացել լոգարանը պատրաստելու, երբ տատս բարկությունից հանկարծ կարմրեց և ինձ սարսափ պատճառելով սաստիկ գոռաց․

― Ջենետ, էշերը։

Մի ակնթարթում Ջենետը խոհանոցից ներս վազեց, ասես թե ամբողջ տունը հրդեհված լիներ, նետի նման դեպի դիմացի մարգը սլացավ և տիկիններ կրող երկու էշ դուրս քշեց, կարծելով թե նրանք մտադիր են ծաղկոցը մտնել․ մինչդեռ տատս, որ նմանապես դուրս էր նետվել, մի մանուկ կրող էշի սանձից բռնեց, սրբավայրից դուրս հանեց և վերջապես մի ապտակ տվեց իշապանին, որը համարձակվել էր նվիրական մարգը պղծել։

Մինչև այս օրս ես չգիտեմ, թե արդյոք տատս մի օրինական իրավունք ունե՞ր իր տան առջև տարածվող փոքրիկ մարգի վրա, բայց նա հավաստի էր, որ ունի, և այս արդեն բավական էր։ Ոչ մի թշնամանք, որ անմիջապես պատժի արժանի էր, չէր կարող այնքան զայրացնել նրան, որքան էշի ոտք դնելն այդ անարատ գետնի վրա։ Ինչ բանով էլ միս Բեթսին զբաղված լիներ, ինչ շահեկան խոսակցության էլ բռնված լիներ, էշի երևալը բավական էր, որ նրա մտքերի ընթացքը մի վայրկյանում հիմնիվեր շփոթվեր և նա կենդանու վրա խոյանար։ Տան զանազան անկյուններում միշտ պահված կային ջրով լի դույլեր ու կժեր՝ հանդուգն տղաների գլխին թափելու համար․ դռան հետևը մի թաքուն տեղ, դրված էին զանազան ձևի գավազաններ․ ամեն մի ժամ հանկարծական հարձակումներ էին պատահում և պատերազմը անվերջ էր։ Երևի թե իշատեր տղաներին այս պատերազը դուր էր գալիս, և կամ գուցե էշերը բանի էությունը հասկանալով, իրենց բնական համառությամբ սիրում էին միշտ միևնույն մարգով անցենլ, ― միայն այս գիտեմ, որ հաշտություն չկար։ Մինչև իմ բաղնիքը պատրաստվում էր, երեք անգամ աղմուկ բարձրացավ և երրորդի ժամանակ, որ ամենից սաստիկն էր, տատս մենակ կռվի բռնվեց տասնհինգ տարեկան մի շիկահեր պատանու հետ, որի գլուխը պատին էր դմբել, առաջ քան տղան հասկանար, թե բանը ինչո՞ւմն է։ Այս փոթորկալի ընդհատումները ծիծաղս շարժում էին, որովհետև նույն միջոցին տատս սկսել էր գդալով արգանակ տալ ինձ։ Նա հաստատ համոզված էր, որ ես սովից մեռնում եմ, և հարկ էր համարում փոքրիկ չափերով սնունդ տալ ինձ․ բայց դեռ բերանս չբացած՝ գդալը դեն էր զգում ու դուրս նետվում, «Ջենետ, էշերը» գոռալով։

Լոգարանը շատ կազդուրեց ինձ։ Երկար ման գալուց, բացոթյա մնալուց սկսել էի անդամներիս մեջ սուր ցավ զգալ և այժմ այնպես հոգնած էի, որ հազիվ կարողացա մի հինգ րոպե արթուն մնալ։ Լոգարանից հետո տատս ու Ջենետը մր․ Դիկի շապիկն ու վարտիքը հագցրին ինձ և երկու թե երեք ահագին շալով փաթաթեցին։ Չգիտեմ՝ ես ինչի՞ էի նման այս փաթեթների մեջ, միայն գիտեմ, որ շոգում էի։ Թմրած ու նվաղած ընկա տատիս բազմոցի վրա և քուն մտա։

Երա՞զ էր, թե՞ իսկություն, չեմ կարող ասել, միայն զգացի, որ տատս իբր թե վրաս կռացավ, մազերս շոյեց, բարձս շտկեց և մի քանի րոպե ինձ դիտելով կանգնած մնաց սնարիս մոտ։ Հենց իմանաս ականջիս դիպան և «Թշվառ տղա», «Սիրուն մանուկ» խոսքերը։ Սակայն, երբ բոլորովին արթնացա, ոչ մի նշան չգտա, որ հաստատեր, թե այս խոսքերը տատս է ասել, որովհետև նա նստած էր պատուհանի առջև և ծովին էր նայում լուսարգելի հետևից, որ ինչպես ուզենաս պտույտ էր գալիս առանցքի վրա։

Զարթնելուս պես ճաշի նստեցինք․ մեզ բերին մի տապակած հավ ու պուդինգ։ Ես ինքս տապակած հավի նման էի և հազիվ էի կարողանում ձեռքերս շարժել, բայց որովհետև տատս ինքն էր փաթաթել ինձ, ոչ մի տրտունջ չէի հայտնում իմ կաշկանդված դրության մասին, որպեսզի նա չվշտանա։ Այս ամբողջ ընթացքում սաստիկ ուզում էի իմանալ, թե ի՞նչ կանի ինձ, սակայն նա խորին լռությամբ շարունակում էր իր ճաշը և մեկ֊մեկ երեսիս նայելով հառաչում․ «Օ՜հ, աստված իմ, աստված իմ»։ Այս հառաչանքները հարկավ չէին կարող տարակույսներս փարատել։

Երբ որ սեղանը հավաքեցին և մի շիշ գինի բերին, տատս ինձ էլ մի փոքրիկ բաժակ գինի տվեց և հրամայեց մր․ Դիկին հրավիրել, որը և իսկույն վար իջավ ամենալուրջ կերպարանքով։ Նա պիտի ականջ դներ պատմյությանս, որ տատս մաս֊մաս դուրս էր քաշում իմ բերնից՝ զանազան հարցումներ անելով։ Պատմելուս միջոցին տատս անքթիթ մտիկ էր տալիս մր․ Դիկին, որ այլապես վաղուց կքներ, և հոնքեր կիտելով արգելում նրան ժպտալ։

― Չեմ կարող հասկանալ, ― գոչեց տատս, երբ պատմությունս վերջացրի, ― թե ի՞նչ էր փչել այն ողորմելի մանկան (մորս) խելքին, որ նա երկրորդ անգամ մարդու գնաց։

― Գուցե սիրահարվել էր երկրորդ մարդուն, ― ասաց մր․ Դիկը։

― Սիրահարվե՞լ, ― կրկնեց տատս։ ― Ի՞նչ եք ուզում ասել։ Ո՞վ էր ստիպում նրան սիրահարվել։

― Գուցե․․․ ― ժպտալով ասաց մր․ Դիկը փոքր֊ինչ մտածելուց հետո, ― գուցե իր զվարճության համար էր այդպես արել։

― Զվարճությո՞ւն, այդ էր պակաս, ― պատասխանեց տատս։ ― Մեծ զվարճություն այն միամիտ էակի համար՝ կապվել մի անզգամի հետ, որ վաղ թե ուշ նրա հոգին պիտի հաներ։ Եվ ի՞նչ էր սպասում այն միամիտ մանուկը, կցանկանայի իմանալ։ Չէ՞ որ արդեն մի անգամ ամուսնացած էր։ Մի՞թե այդ բավական չէր։ Չէ՞ որ գտել էր Դավիթ Կոպպերֆիլդին, որ օրորոցից սկսած սովոր էր քարշ գալ մոմե պաճուճակների հետևից։ Չէ՞ որ արդեն երեխա էլ ուներ․․․ այսինքն երկու երեխա, մեկն ինքն էր, երբ մի ուրբաթ գիշեր ահա սա աշխարհ եկավ։ էլ ի՞նչ էր ուզում։

― Մր․ Դիկը կամաց վրաս նայեց, կարծես ուզելով հասկացնել, թե բնավ պատասխանելու բան չունի։

― Մինչև անգամ շնորհք էլ չունեցավ մի այնպիսի երեխա բերելու, որ նման լիներ ամեն մի կնոջ բերածին, ― շարունակեց տատս։ ― Ո՞ւր կորավ այս տղայի քույըը՝ միս Բեթսի Տրոտուդը։ Ծնված էլ չէ, կասեք դուք։ Խնդրեմ այդպիսի հիմար բան չասեք։

Մր Դիկը վախեցավ։

― Եվ ի՞նչ էր անում այն ծուռվիզ ախմախ բժիշկը, այն Ջիլիպսը թե Շիլիպսը, ― ասաց տատս։ ― Միայն թութակի նման կրկնում էր․ «Տղա է, տղա է»։ Տղա էլ դուրս եկավ։ Գետինն անցնեն տղամարդիկ։

Այս բացականչության սաստկությունը բոլորովին չշփոթեցրեց մր․ Դիկին․ ճշմարիտն ասած՝ ես էլ չշփոթվեցի։

― Եվ կարծես այդ բոլորը հերիք չլիներ, կարծես քիչ էր, որ այս տղայի քրոջը՝ Բեթսի Տրոտուդին աշխարհ չբերեց, ― գոչեց տատս, ― դեռ ուրիշի հետ ամուսնացավ, այն էլ ո՜ւմ հետ․․․ մի ինչ֊որ Մըրդրըրի[16] հետ, մի սրիկայի հետ, որ պիտի թշվառացներ այս մանկանը։ Եվ ամուսնության հետևանքն այն եղավ, որ ահա նրա որդին Կայենի նման փոխել և աստանդական թափառում է։ Մի՞թե չէր կարելի գուշակել, որ անշուշտ այսպես կլինի։

Մր․ Դիկն ուշի֊ուշով վրաս նայեց ստուգելու համար, թե որքա՞ն եմ նմանվում Կայենին։

― Հետո այն կինն էլ, այն հեթանոսական անունով կինը, հա, այն Պեգգոտին էլ հիմարացավ, մարդու գնաց, կարծես թե ամուսնական կյանքի չարիքներն իրեն անհայտ լինեին։ Իհարկե մարդը նրան միշտ դմփելիս կլինի։ Տեղն է, տեղն է, թող դմփի։

Ես չկարողացա համբերել, որ այդպես բամբասեն բարի դայակիս և այդպիսի բան կամենան նրան։ Ասացի տատիս, թե սխալվում է, ասացի, թե Պեգգոտին մի պատվական, հավատարիմ, անձնվեր, բարեսիրտ կին է, թե մորս էլ, ինձ էլ միշտ սիրել է, թե մայրս նրա գրկումն է հոգին ավանդել և իր վերջին երախտագիտության համբյուրը նրա երեսի վրա կնքել։ Այս երկու անձի հիշատակը ձայնս խեղդեց, և ես արտասվելով պատմեցի, թե Պեգոտիի տան դուռը միշտ բաց է եղել ինձ համար, թե ամեն բան, ինչ֊որ նրանն է, այն էլ իմն է, թե ես նրա մոտ մի ապաստան կորոնեի, եթե չվախենայի բեռ լինել այդ չունեվոր կնոջը, ― այս բոլորը պատմեցի և, ի վերջո, հեկեկալով գլուխս ձեռքիս դեմ տվի։

― Լավ է, լավ, բավական է, ― ասաց տատս։ ― Տղան իրավունք ունի պաշտպանելու իրեն սրտով սիրողներին․․․ Ջենե՜տ, էշե՜ր։

Լիովին հավաստի եմ, որ եթե այն անպիտան էշերը չլինեին, տատս անշուշտ կհաշտվեր ինձ հետ, որովհետև իր աջն ուսիս էր դրել, և ես զիջողությամբ քաջալերված՝ արդեն ուզում էի նրա վզին փարվել և պաշտպանություն խնդրել։ Սակայն հանկարծական ընդհատումի և դրսի կռվի պատճառով տատիս մտքերի շփոթվելը առժամանակ վերջ դրեց բոլոր քնքուշ զգացումներին։ Տատս սաստիկ զայրացած էր․ նա հայտնեց մր․ Դիկին, որ հաստատ որոշել էր տեղական օրենքների հիման վրա դատի կանչել Դուվրի բոլոր իշապաններին, և նրա ցասումը մինչև թեյի ժամը տևեց։

Թեյից հետո պատուհանի մոտ նստեցինք․ երևի ավելի լավ հսկելու համար, որ հիմար կենդանիները նորից չասպատակեն, և մինչև մթնելն այդպես մնացինք։ Ջենետը մոմերը բերեց, վարագույրները վայր քաշեց և ճատրակը սեղանի վրա դրեց։

― Դեհ, մր․ Դիկ, ― ասաց տատս, լրջությամբ նրան նայելով և առաջվա պես ցուցամատը բարձրացնելով, ― էլի մի բան պիտի հարցնեմ ձեզ։ Մտիկ արեք այս տղային։

― Դավթի որդո՞ւն, ― ասաց մր․ Դիկը ուշադիր և տագնապած դեմքով։

― Այո, այո, ― հաստատեց տատս։ ― Ի՞նչ կանեիք սրան այժմ։

― Ինչ կանեի Դավթի որդո՞ւն։

― Այո՛, այո՛, Դավթի որդուն։

― Օ՜, ― ասաց մր․ Դիկը։ ― Հը՜մ․․․ Ես դրան․․․ ես կասեի դրան, որ գնա քնի։

― Ջենետ, ― գոչեց տատս գոհ սրտով, ինչպես և առաջ։ ― Մր․ Դիկը միանգամից ամեն բան վճռեց։ Եթե անկողինը պատրաստ է, ննջարան տանենք տղային։

Ջենետը պատասխանեց, թե անկողինը պատրաստ է, և ինձ մի գերու նման վերև տարան։ Տատս գնում էր իմ առջևից, Ջենետը հետևից։ Այս թափորի ժամանակ մի բան միայն փոքր ի շատե հույս տվեց ինձ, և հատկապես այն, որ տատս սանդուղքի գլխին կանգ առավ և հարցրեց․ ― Որտեղի՞ց է գալիս խանձի հոտը։ Ջենետը պատասխանեց, թե նա այրել է խոհանոցում իմ հին շապիկը փոքր֊ինչ աբեթ պատրաստելու համար։ Այս լավ նշան էր։ Սակայն իմ վրա ոչ մի ուրիշ հագուստ չկար, բացի այն շալերից, որոնցով ինձ կապկպել էին։ Ննջարանում ինձ մենակ թողին մի հատ ճրագով, որ տատիս ասելով, ճիշտ հինգ րոպե պիտի վառվեր, և ոչ ավելի։ Նրանք դուրս գնալիս դուռը կողպեցին։ Տատս երևի կարծում է, մտածեցի ես, թե ես փախչելու սովոր տղա եմ, և դրա համար է այսպիսի զգուշություն բանեցնում։

Ննջարանս մի սիրուն սենյակ էր վերևի հարկում, դեպի ծովը նայող պատուհանով, որտեղից երևում էր լուսնի ցոլացումը ջրի երեսին։ Երեկոյան աղոթքս ասելուն պես ճրագը հանգավ։ Ես դեռ երկար նստած մնացի, լուսնի փայլին նայելով․ ինձ թվում էր, թե նրա երերուն ճաճանչի մեջ ահա տեսնում եմ իմ ապագան և կամ նրա շողքի հետ երկնքից իջնող մայրիկիս, որ իր մանկանը գրկում բռնած, անհուն սիրով նայում է վրաս, ինչպես նայել էր վերջին անգամ։ Հիշում եմ, որ հոգուս այս հանդիսավոր տրամադրությունը շնորհակալության ու հանգստյան տեղի տվեց, երբ պատուհանից շուռ գալով աչքս ձյունի պես սպիտակ անկողնուն դարձրի, ուր պիտի պառկեի ինչպես մի փափուկ բնի մեջ։ Մի առ մի հիշեցի այն տեղերը, ուր բացօթյա գիշերել էի մենակս և ջերմ սրտով աղաչեցի աստծուն այլևս անհարկ չթողնել ինձ և թույլ չտալ, որ երբևէ մոռանամ անտուն֊անտեր խեղճ և անօգնական թշվառներին։ Այնուհետև երկնային լուսատուի հեզիկ ցոլմանը նայելով, փոքր առ փոքր անուրջների աշխարհն իջա, և անուշիկ քունն աչքերս փակեց։

Ժդ․ գլուխ

Տատս որոշում է իր անելիքն իմ մասին


Մյուս առավոտ, երբ ներքև իջա, տատս սեղանի առջև մտազբաղ նստած էր՝ առանց նկատելու, որ թեյամանի քըլթքըլթացող ջուրը թափվում է և ամբողջ սփռոցը թրջել է։ Մտնելս նրան սթափեցրեց։ Հավաստի էի, որ իմ մասին է մտածում և շատ էի ուզում նրա միտքն իմանալ։ Վախենալով սակայն, նրան անհանգիստ անելուց, զգուշացա որևէ բան հարցնել։

Բայց աչքերս, որոնք լեզվիս չափ կամքիս հակառակ չէին, նախաճաշի ժամանակ անդադար տատիս վրա էին սևեռվում։ Նա էլ շուտ֊շուտ վրաս էր նայում մի այնպիսի տարօրինակ հայացքով, կարծես թե ես անչափ հեռու նստած լինեի, այլ ոչ թե փոքրիկ սեղանի մյուս կողմը։ Նախաճաշն ավարտելուց հետո նա մեջքը բազկաթոռին դեմ տված, հոնքերը կիտեց, բազուկները կրծքին կցեց և սկսեց ուշի ուշով և անքթիթ դիտել ինձ։ Ես բոլորովին շփոթվեցի և տագնապս ծածկելու համար, նորից փորձեցի բան ուտել, բայց պատառաքաղս ընդհարվում էր դանակիս, մսի կտորները՝ փոխանակ բերանս դնելու՝ անչափ վերև էի բարձրացնում և ընդունած թեյս՝ փոխանակ վար իջնելու՝ ծուռ էր սահում կոկորդս․ այնպես որ վերջ ի վերջո ամեն բանից հրաժարվեցի և կարմրելով նստած մնացի տատիս զննող խորաթափանց հայացքի տակ։

Լսի՛ր, ― ասաց նա վերջապես։

Համեստաբար գլուխս վերցրի, և աչքերս նրա սուր ու փայլուն աչքերին դիպան։

― Ես գրեցի նրան, ― ասաց տատս։

― Ո՞ւմ․․․

― Քո խորթ հորը։ Նա պարտավոր է իմ պահանջը կատարել, եթե ոչ՝ ես գիտեմ ինչ կանեմ նրան։

― Արդյոք նա գիտի՞, տատիկ, թե ես այժմ որտեղ եմ, ― հարցրի ես սոսկալով։

― Ես գրել եմ նրան, ― ասաց տատս։

― Ուրեմն․․․ մտադիր եք․․․ նրա մո՞տ ուղարկել ինձ, ― թոթովեցի դողահար։

― Չգիտեմ, ― ասաց տատս։ ― Կտեսնենք։

― Օ՜հ, ի՞նչ կլինի իմ վիճակը, ― գոչեցի ես, ― եթե նորից մր․ Մեորդստոնի ձեռքն ընկնեմ։

― Այդ մասին ոչինչ չգիտեմ, ― գլուխը շարժելով ասաց տատս։ ― Կտեսնենք։

Նրա խոսքերից սիրտս լցվեց․ վհատություն եկավ վրաս։ Տատս, կարծեմ, էլ չէր մտածում իմ մասին։ Նա մի կոպիտ գոգնոց կապեց և սկսեց թեյի այնոթները լվանալ․ ամեն բան մատուցարանի վրա շարեց, սրբիչը ծալեց, բաժակները ծածկեց և կանչեց Ջենետին, որ գա վերցնի։ Այնուհետև ձեռնոցները հագավ, սեղանի երեսի փշրանքները մի փոքրիկ վրձինով մաքրեց, այնպես որ սփռոցի վրա ոչ մի փշրանք չմնաց, և հետո աթոռների փոշին թափ տվեց, թեև նրանց վրա փոշու նշան անգամ չկար, որովհետև արդեն մաքրված էին։ Այս բոլորն անելուց հետո, գոհ սրտով ձեռնոցներն ու գոգնոցը հանեց, ծալեց, դրեց պահարանի այն անկյունը, որտեղից որ վերցրել էր, ապա ձեռագործի տուփը կլոր սեղանի վրա դնելով, հանգիստ նստեց բազկաթոռի մեջ, բաց պատուհանի մոտ, կանաչագույն լուսարգելի հետևը, և սկսեց կարել։

― Հապա մի վերև գնա մր․ Դիկի մոտ, ― ասաց նա, թելն ասեղին անցկացնելով, ― բարև արա իմ կողմից և հարցրու թե ինչպես է գնում իր հիշատակարանը։

Իսկույն վեր կացա այդ պատվերը կատարելու։

― Դիկի անունը երևի քեզ կարճ է թվում, չէ՞, ― ասաց տատս այնպես սուր նայելով աչքիս, ինչպես նայել էր ասեղի ծակին։ ― Շատ կարճ, չէ՞։

― Իրավ որ երեկ կարճ թվաց, ― պատասխանեցի միամտաբար։

― Սակայն չկարծես, թե նա չունի մի ավելի երկար անուն, ― ասաց տատս ավելի վսեմ եղանակով։ ― Բեբլի․․․ Մր․ Րիչարդ Բեբլի, ահա ջենտլմենի բուն անունը։

Ուզում էի ասել իմ մանկական միամտությամբ, թե լավ կհամարեմ ջենտլմենի իսկական անունը տալ, բայց տատս գոչեց․

― Չհամարձակվես, երբեք։ Նա չի սիրում իր անունը լսել․ այս նրա քմահաճույքն է։ Սակայն զարմանալու բան չկա․ այնքան նախատինք է ստացել այդ անունը կրող անձերից, որ կատարյալ իրավունք ունի նրան մահու չափ ատելու։ Այժմ նրա անումը մր․Դիկ է, ինչպես մեզ մոտ, այնպես էլ ամեն տեղ, թեև նա ոչ մի տեղ սովոր չէ գնալ։ Ուրեմն, որդի, տես, երբեք չտաս նրան մի ուրիշ անուն, բայց միայն մր․ Դիկ։

Խոստացա այդպես անել և բարձրացա տված պատվերը կատարելու, մտածելով ճանապարհին, որ եթե մր․ ԴԻկը ամբողջ առավոտ այնպես փութաջան է աշխատել, ինչպես աշխատում էր նրա բաց դռնով ներքև իջնելուս րոպեին, ― ոըրեմն հիշատակարանը շատ առաջ գնացած կլինի։ Ես նրան դարձյալ նույն զբաղմունքի մեջ գտա։ Գլուխը քարշ արած՝ նա գրում էր մի երկար գրչով և այնպես էր խորասուզված իր գործերի մեջ, որ իմ գալը չիմացավ։ Նրա սենայկի անկյունում մի մեծ թղթե ֆռռան տեսա, դեզ֊դեզ թղթեր, բազմաթիվ ձեռագրեր, անթիվ գրիչներ և տասի չաձ թանաքի շշեր, որոնց մեջ անշուշտ մի դույլ թանաք կտեղավորվեր։ Վերջապես ջենտլմենը նկատեց ինձ և գրիչը ցած դնելով ասաց․

― Ա՜, ֆեբոս։ Աշխարհի գործերն ինչպե՞ս են։ Սակայն գիտեք, ի՞նչ կասեմ, ― հարեց նա ձայնն իջեցնելով, ― չէի ուզի ասել, բայց կասեմ, ― և նա ականջիս փսփսաց․ ― աշախարհս խելագար է, կապելու գիժ է, որդյակ իմ։

Եվ այս ասելիս քթախոտ քաշեց սեղանի վրա դրված կլոր տուփից և քրքրջաց։

Առանց վստահանալու կարծիք հայտնել այդ ծանր խնդրի մասին, ես նրան ասացի, ինչ որ տատս պատվիրել էր։

― Շատ լավ, ― ասաց մր․ Դիկը, ― իմ կողմից էլ նրան բարև արեք և ասացեք, որ գործս․․․ կարծեմ, լավ է գնում․․․ Այո՛, լավ, ― հարեց նա, գլխի մազերը քրքրելով և ձեռագրի վրա մի կասկածոտ հայացք նետելով։ ― Դուք սովորե՞լ եք վատժարանում։

― Այո՛ սըր, բայց կարճ ժամանակ, ― ասացի ես։

― Չե՞ք հիշի, թե ո՞ր թվին գլխատեցին Կառլոս Առաջին թագավորին, ― հարցրեց նա, շեշտակի վրաս նայելով և գրիչը վերցնելով, որ պատասխանը իսկույն գրի։

― Եթե չեմ սխալվում՝ 1649 թվին։

― Հըմ, ― ասաց մր․ Դիկը, ականջի հետևը քորելով և երկմտությամբ ինձ նայելով։ ― Գրքերում այդպես է ասված, բայց սխալ է։ Եթե այդ դեպքը երկու հարյուր հիսուն տարի առաջ է կատարվել, ուրեմն թագավորին շրջապատող մարդիկ ինչպես կարողացան նրա կտրված գլխի շփոթության մի մասը իմ գլխի մեջ անցկացնել։

Այս հարցը վերին աստիճանի զարմացրեց ինձ, և ես ոչ մի բացատրություն չգտա։

― Տարօրինակ բան, ― շարունակեց մր․Դիկը, ձեռագրին վստահ նայելով և նորից մազերը քրքքրելով։ ― Մինչև այժմ չեմ կարողանում պարզաբանել այս խնդիրը․ չեմ կարողանում լավ լուծել։ Սակայն փույթ չէ, ― ասաց նա աշխուժանալով։ ― Հոգ չէ, հոգ չէ, դեռ բավական ժամանակ կա։ Ողջույն միս Տրոտուդին և ասացեք նրան, որ գործս շատ լավ է առաջ գնում։

Մինչ ուզում էի հեռանալ, նա ինձ հարցրեց․

― Ինչպե՞ս եք հավանում այս ֆռռանը։

Պատասխամեցի, թե շատ լավն է։ Բարձրությունը առնվազն յոթ ոտնաչափ կլիներ։

― Ես ինքս եմ շինել։ Մի օր երկուսս միասին բաց կթողնենք, ― ասաց մր․ Դիկը։ ― Իսկ այս տեսնո՞ւմ ես։

Նա ցույց տվեց, որ ֆռռանը ձեռագրերից է շինված։ Թեև տառերը շատ մանր էին և տողերը սեղմ, այնուամենայնիվ աչքի անցնելիս նկատեցի, որ մի երկու տեղ Կառլոս Առաջինի գլխի մասին ակնարկություն կա։

― Տեսնո՞ւմ եք, ինչքան թոկ կա, և ինչպես նուրբ է փաթաթված, ― գոչեց մր․Դիկը։ ― Եվ հենց որ սա վերև սլանա, բոլոր գրված փաստերն էլ իր հետ հեռու կտանի։ Իմ գիտական փաստերը այս կերպով եմ տարածում։ Բայց արդյոք որտե՞ղ կլինեն, չգիտեմ․ այս կախված է հանգամանքներից․․․ հողմից, օդից և այլն։ Բայց և այնպես վստահ եմ, որ տարածվում են։

Մր․ Դիկի դեմքն այնքան համեստ ու բարի էր և չնայելով առույգ ու զվարթ արտահայտությանը, այնքան հարգո, որ ես իրավ կարծեցի, թե հանաք է անում։ Ես ժպտացի, նա էլ ժպտաց, և մենք իրարից բաժանվեցինք իբրև շատ մտերիմ բարեկամներ։

― Դե, որդի, ― ասաց տատս, երբ ներքև իջա։ ― Ինչպե՞ս է այս առավոտ մր․ Դիկի առողջությունը։

Հայտնեցի նրան մր․ Դիկի ողջույնը և ասացի, թե գործերն էլ միանգամայն հաջող են։

― Իսկ դու նրա մասին ի՞նչ ես մտածում, ― հարցրեց տատս։

Մի ներքին դրդումով ուզում էի փախչել այդ հարցից և պատասխանեցի, թե մր․ Դիկը մի շատ բարի ջենտլմեն է, սակայն այդպիսի հնարով չէր կարելի տատիս մոլորեցնել։ Նա կարը ծնկի վրա դրեց, ձեռքերը կցեց և ասաց։

― Քույրդ՝ Բեթսի Տրոտուդը ինչ էլ մտածեր մեկի մասին, արձակ համարձակ կհայտներ ինձ։ Դու էլ աշխատիր նրան նմանվել և շիտակ խոսիր։

― Իրավ․․․ իրավ չգիտեմ, տատի ջան, արդյոք մր․ Դիկի․․․ խելքը փոքր֊ինչ ցնդած չէ՞, ― ասացի ես, կակազելով ու զգալով, որ մի նուրբ խնդիր եմ շոշափում։

― Ամենևին, ― ասաց տատս։

― Իրա՞վ, ― հարցրի կամացուկ։

― Եթե կա աշխարհիս երեսին գոնե մի մարդ, որի խելքը մի մազի չափ անգամ ցնդած չէ, դա մր․ Դիկն է, ― ասաց տատս ամենահաստատ եղանակաով։

Ես չկարողացա ուրիշ բան ասել, բացի միայն կրկնել համեստաբար․

― Օհ, իրա՞վ։

― Խելագար են համբավել նրան, ― շարունակեց տատս։ ― Եվ ինձ քաղցր է հաստատել, որ միայն համբավել են․ եթե ոչ ես նրա ընկերությունն ու խորհրդները չէի վայելի տասը տարվա ընթացքում, և հատկապես այն օրից, երբ քույրդ՝ Բեթսի Տրոտուդը հույսերս չքացրեց։

― Ուրեմն վաղո՞ւց, ― ասացի ես։

― Եվ ովքե՞ր են հանդգնել խելագար անվանել նրան, ― գոչեց տատս։ ― Մր․ Դիկն ինձ հեռու մոտիկ ազգական է․ այս թողնենք։ Կասեմ միայն, որ եթե ես չլինեի, մր․ Դիկի ավագ եղբայրը նրան գժատուն կդներ։ Այս է բանը։

Ես մի փոքր կեղծավորություն բանեցրի, տատիս զայրույթը տեսնելուս պես ինքս էլ զայրացած ձևանալով։

― Ամբարտավան ավանակ, ― ասաց տատս։ ― Միայն այն պատճառով, որ փոքր եղբայրը տարօրինակ է, ― թեև ոչ այնքան, ինչքան որ ուրիշներն են, ― չուզեց նրան իր մոտ պահել և ուղարկեց մի մասնավոր հիվանդանոց։ Այնինչ հայրը մեռնելիս հատկապես ավագին էր հանձնել խնամք տանել եղբոր մասին, որին ինքն էլ իսկական ապուշ էր համարում։ Ինչպե՞ս չասեմ այդ հորը, թե իսկական ապուշը հարկավ ինքն էր։

Եվ այդպես համոզված տեսնելով տատիս, ես էլ համոզված ձևացա։

― Պետք եղավ, որ ես միջամտեմ, ― շարունակեց տատս։ ― Գնացի այն ամբարտավանի մոտ և ասացի․ ձեր եղբայրը ողջամիտ է, գոնե ձեզնից ավելի ողջամիտ։ Թող նա իր փոքրիկ թոշակը ստանա և իմ տունը գա ապրելու։ Ես չեմ վախենում նրանից․ ես հպարտ չեմ, ես պատրաստ եմ խնամել նրան և չեմ տանջի նրան, ինչպես ոմանք արել են, բացի հիվանդանոցի սպասավորներից։ Բավական վիճելուց հետո, ― շարունակեց տատս, ― ուզածս արի, և այն օրից մր․ Դիկն իմ տանն է։ Աշխարհում նրա պես համեստ, նրա պես բարի մարդ չկա։ Իսկ գալով խորհուրդներին․․․ ես միայն գիտեմ, թե ի՞նչ արժե նրա խելքը։

Տատս իր զգեստը թոթվեց և գլուխը ցնցեց, և այս երկու շարժումներով ասես ուզեց մարտի կանչել ամբողջ աշխարհը, բացի հարկավ մր․Դիկից։

― Մի քույր էլ ուներ, ― ասաց տատս, ― նրան՝ անձնվեր մի էակ, որին ինքն էլ սիրում էր։ Բայց այդ քույրն այն արավ, ինչ որ անում է ամեն մի աղջիկ․․․ մարդու գնաց․ մարդն էլ, մյուս բոլոր մարդկանց պես, թշվառության մատնեց նրան։ Այդ հանգամանքը մր․ Դիկին (բացի, իհարկե, նրա խելքը) այնպես ցնցեց, որ նրա հոգեկան վիշտն ու եղբորից զգացած վախը ջերմային տենդ առաջ բերին։ Այդ պատահեց նրա այստեղ գալուց առաջ, սակայն դեպքի հիշատակը մինչև այսօր տագնապում է նրան։ Կառլոս Առաջինի մասին բան չասա՞ծ քեզ։

― Ասած, տատիկ։

― Հա՞, ― ձայն հանեց տատս, քթի ծայրը տրորելով, որ նշան էր, թե դժգոհ էր։ ― Այո՛, նա սիրում է այլաբանորեն խոսել․․․ իր հիվանդությունն այդ թագավորի կրած վրդովման ու հուզման հետ է կապակցել, որ շատ բնական է․ դա մի ճարտասանական ձև է, մի տեսակ համեմատություն, որ գործ է ածում մտքերը պարզելու համար։ Եվ ինչո՞ւ չպիտի գործածի, եթե հարմար է գալիս իր ճաշակին։

― Իրավ որ, ― ասացի ես։

― Գիտեմ, որ գործնական ասպարեզում ընդունված չէ այդպես խոսել կամ գրել, ― ասաց տատս, ― այս պատճառով մր․ Դիկից պահանջում են, որ ոչ մի այլասացիկ բառ ու ոճ չբանեցնի իր հիշատակարանում։

― Հենց իր կյանքի նակարագի՞րն է այդ հիշատակարանը, տատիկ։

― Այո՛, որդի, ― ասաց տատս, նորից քիթը տրորելով։ ― Նա պատրաստում է իր գործերի տեղեկագիրը, որ տալու է դիվանապետ լորդին և կամ թե մի ուրիշ լորդի․․․ մի խոսքով, այնպիսի անձանց, որոնք հատուկ նրա համար են թոշակ ստանում, որ խնդիրներ ընդունեն։ Կարծում եմ այս օրերս կուղարկի։ Դեռ չի կարողացել վերոհիշյալ այլաբանությունը ձեռագրից ջնջել հանել, սակայն փույթ չէ․ գոնե զբաղված է։

Եվ ես հետո իրոք իմացա, որ մր․ Դիկը տասը տարուց ի վեր ջանացել է Կարլոս Առաջինի անունը հիշատակարանից դուրս քշել․ բայց նա շարունակ ներս է սպրդել, և այսօր էլ այնտեղ է։

― Դարձյալ կրկնում եմ, ― ասաց տատս, ― ինձնից զատ ոչ ոք չգիտե գնահատել նրա խելքի արժեքը։ Նա մի պատվական, ընկերասեր, բարի ու հեզ էակ է։ Իսկ եթե սիրում է երբեմն ֆռռան թողնել․․․ ում ինչ փույթ։ Չէ՞ որ Ֆրանկլինն էլ թողնում էր։ Այնինչ Ֆրանկլինը, եթե չեմ սխալվում, քուեկրը[17] էր և կամ մի այդպիսի բան։ Եվ իմ կարծիքով ֆռռան թողնող մի քուեկրը ավելի շատ ծիծաղելի է, քան մի ուրիշ մարդ։

Եթե կարողանայի ենթադրել, թե այդ բոլորը տատս պատմում է իր վստահությունը դեպի ինձ ցույց տալու և իմ միտքը զարգացնելու համար, ես շատ փաղաքշված կլինեի և շատ բարիք կսպասեի այդ շնորհից։ Սակայն չէր կարելի չնկատել, որ նա ոչ թե ինձ էր ասում իր ճառը, այլ իրեն՝ հատկապես իր միտքը հուզող մի խնդիր պարզելու համար, թեև խոսլիս ուրիշ ընկնդիր չունենալուց ինձ էր դիմում։

Այս էլ պիտի ասեմ, որ անօգնական ու խեղճ մր․Դիկին ընծայված վեհանձն խնամքը տեսնելով, ես ոչ միայն մի ինքնասիրական հույս զգացի, թե տատս ինձ հետո հովանավոր կլինի, այլև մի սրտագին սեր դեպի նա։ Սկսեցի հավատալ, որ նա, չնայած իր տարօրինակ և ուրույն հաճույքներին, վստահության ու հարգանքի արժանի անձ է։ Թեև այդ օրն էլ նա անցյալ օրվա պես գրգռված էր, թեև նորից շուտ֊շուտ դուրս էր վազում էշերի հետ կռվելու համար, թեև սաստիկ չարացած էր, որ անցկացող տղաներից մեկն աչքով էր արել Ջենիին (դրանից էլ մեծ վիրավորանք չէր կարելի հասցնել տատիս), ― բայց և այնպես նա ավելի ակնածություն ազդեց ինձ, քան երկյուղ։

Մինչև տատիս նամակին մի պատասխան գար մր․ Մեորդստոնից, ես անասելի տագնապի մեջ էի, բայց աշխատում էի զսպել ինձ և որքան կարելի է հաճոյանալ տատիս և մր․ Դիկին։ Վերջինս և ես շատ էինք ուզում մեծ ֆռռանը բաց թողնել, բայց ես տանից ինչպե՞ս դուրս գայի, քանի որ առաջին օրը վրաս փաթաթված տարօրինակ զարդերից զատ՝ ուրիշ հագուստ չունեի, և ստիպված էի ներսը նստել, բացի մի ժամվա կարճ զբոսանքից, որ կարող էի անել հատկապես արևի մայր մտնելուց հետո և միայն առողջապահական նպատակով։ Վերջապես մր․ Մեորդստոնի պատասխանը եկավ, և ես սարսափելով իմացա տատից, թե խորթ հայրս հետևյալ օրը գալու է նրա հետ անձամբ խոսելու։ Հետևյալ օրն իմ աննման զգեստավորությամբ նստած, ես անհամբեր համրում էի ժամերը։ Հույսերս հետզհետե նվազում էին, ահս աճում էր և, ամեն րոպե, ցնցվելով սպասում էի այն սոսկալի մարդուն, որի պատկերն անգամ հիշելիս սարսուռ էի զգում։

Այդ օրը տատս սովորականից փոքր֊ինչ ավելի խրոխտ ու սեգ էր, բայց ոչ մի բանով ցույց չէր տալիս, թե պատրաստ է ինձ սարսափ ազդող այցելուին ընդունելու։ Նա գործում էր պատուհանի առջև, իսկ ես նրա մոտ նստած էի, մր․ Մեորդստոնի գալստյան կարելի և անկարելի հետևանքները հեղեղելով մտքիս մեջ։ Արդեն երեկոն մոտենում էր, ճաշի ժամն անցել էր․ տատիս համբերությունը հատավ, և նա հրամայեց ճաշ բերել։ Բայց հանկարծ այդ րոպեին նա մի էշ տեսավ և ճիչ հանեց, և ես իսկույն նկատեցի միս․ Մեորդստոնին, որ մի ավանակ հեծած առոք֊փառոք գալիս էր նվիրական գետնի վրայով․ նա տան առջև կանգ առավ և սկսեց չորս կողմը նայել։

― Կորեք այդ տեղից, ― գոչեց տատս, գլուխը շարժելով և բռունցքը պատուհանից դուրս տնկելով։ ― Գործ չունեք այստեղ։ Գնացեք, գնացեք։ Մի տես, մի տես այդ հանդուգն արարածին։

Միս Մեորդստոնի անվրդով սառնությունից տատս այնքան շվարեց, որ մի վայրկյան անշարժ մնաց և կարծեմ ուժ չգտավ դուրս նետվելու, ինչպես անում էր այդպիսի դիպվածներում։ Այդ վայրկյանից օգտվելով ես շտապեցի հայտնել նրան, թե ով է եկվոր տիկինը և հայտնել, թե տիկնոջ ետևից էշով եկող ջենտլմենն էլ ուրիշ մարդ չէ, բայց եթե նույն ինքը մր․ Մեորդստոնը։

― Ինձ ինչ, թե ով է, ― գոչեց տատս, այնպիսի շարժումներ անելով, որոնք բնավ ողջույնի նմանություն չունեին։ ― Ես թույլ չեմ տա ոտնակոխ անել իմ սահմանը։ Է՜յ, հեռացիր։ Դուրս արա դրան։ Ջանետ, դո՛ւրս։

Եվ ես տատիս հետևը կանգնած՝ մի տաք կռվի ականատեսն եղա․ էշը, չորս ոտքը գետնին խրած՝ ամենքին դիմադրում էր․ Ջենետը նրա սանձը ետ էր քաշում, մր․ Մեորդստոնը աշխատում էր նրան առաջ քշել, միս Մեորդստոնը հովանոցով հարվածում էր Ջենետին, և բազմաթիվ տղաներ այս տեսարանով հրապուրված՝ սարսափելի հարայ էին տալիս։ Բայց տատս հանկարծ նրանց միջև մի իշապան տղա նկատելով, որ իր ոխերիմ թշնամին էր, թեև հազիվ տասներեք տարեկան էր, մարտի դաշտը սլացավ, ճանկեց նրան, տապալեց, բաճկոնը գլխին անցկացրեց և քաշեքաշ տարավ իր պարտեզը, ուր նրան ամուր բռնելով, իսկույն Ջենետին հրամայեց ոստիկաններ ու դատավորներ կանչել, որպեսզի հանցավորին տեղն ու տեղը քննեն, դատեն և պատժեն։ Սակայն ըդհարման վերջին մասը երկար չտևեց, որովհետև չարաճըճի տղան այս տեսակ պատերազմի բոլոր խորամանկ հնարներին, որոնց մասին տատաս գաղափար անգամ չուներ, քաջածանոթ լինելով, շատ չանցած դրա ձեռքից դուրս պրծավ, ածուները ոտնատակ տվեց և հաղթական ծիծաղելով փախավ գնաց իր էշի հետ։

Միս Մեորդստոնը կռվի վերջին րոպեներին արդեն գրաստից իջել էր և դռան աստիճանների ներքևը կանգնած սպասում էր, թե տատս ե՞րբ կընդունի նրանց։ Տատս, թեև կռվելուց դեռ փոքր֊ինչ գրգռված նրանց առջևից անցնելով՝ սիգաճեմ ներս մտավ և ուշք անգամ չդարձրեց հյուրերի վրա, մինչև որ Ջենետը պաշտոնապես նրանց գալը չհայտներ։

― Արդյոք հեռանա՞մ, տատի, ― հարցրի ես դողալով։

― Ո՛չ, սըր, ― ասաց տատս։ ― Ամենևին։

Այս ասելուն պես նա ինձ իր մոտի անկյունը հրեց, մի աթոռով էլ առաջս կտրեց, ասես թե մի բանտի մեջ և կամ դատարանի պատվարի հետևը փակելով ինձ։ Ամբողջ տեսակցության միջոցին ես այդ դիրքը պահպանեցի և այղ տեղից տեսա մր․ Մեորդստոնի և նրա քրոջ ներս մտնելը։

― Ա՜, ― ասաց տատս, ― պատիվ չունեի իմանալու, թե ում էի հանդիմանում մի րոպե առաջ։ Սակայն ես ոչ ոքի թույլ չեմ տալիս իմ մարգերը կոխկրտել և բացառություն չեմ անում, թույլ էլ չեմ տա, որ արվի։

― Այդ կանոնը, սակայն, ուրիշների համար փոքր֊ինչ նեղիչ է, ― ասաց միս Մեորդստոնը։

― Իրա՞վ, ― ասաց տատս։

Մր․ Մեորդստոնը վախենալով, որ թշնամական ընդհարումը չկրկնվի, մեջ մտավ և ասաց․

― Միս Տրոտուդ։

― Խնդրեմ ներեցեք, ― նկատեց տատս համարձակ նրա երեսին նայելով։ ― Դո՞ւք եք այն մր․ Մեորդստոնը, որ ամուսնացել էր իմ հանգուցյալ եղբորորդու՝ Դավիթ Կոպպերֆիլդի այրու հետ, որ բնակվում էր Բլենդրոտընի Րուկրիում, կարծեմ Րուկրիում։ Այս ինչ անուն է, աստված իմ։

― Ես եմ, ― ասաց մր․ Մեորդստոնը։

― Ներեցեք, սըր, համարձակությանս, ― վրա բերեց տատս։ ― Կարծեմ ավելի երջանիկ կլինեիք, եթե բնավ չամուսնանայիք այն խեղճ մանկան հետ և նրան հանգիստ թողնեիք։

― Համամիտ եմ միս Տրոտուդի հետ, որ մեր արտասվելի Կլարան ամենայն առմամբ մանուկ էր, ― նկատեց միս Մեորդստոնը դրստվելով։

― Դուք և ես, տիկին, ― ասաց տատս, ― կարող ենք շատ բախտավոր համարել մեզ, որ արդեն բավական ապրած լինելով, տղամարդկանց որոգայթին զոհ լինելու վտանգից ազատ ենք։ Մեր մասին հարկավ ոչ ոք չի ասի, թե մանուկ ենք։

― Անշուշտ, ― պատասխանեց միս Մեորդստոնը, թեև կարծեմ ակամա։ ― Եղբայրս, իհարկե, ավելի երջանիկ կլիներ, ինչպես ասացիք, եթե այդ ամուսնությամբ չկապվեր։ Ես էլ միշտ նույն կարծիքն եմ ունեցել։

― Չեմ կասկածում, որ ունեցած լինեք, ― ասաց տատս։ ― Ջենետ, ― կանչեց նա, զանգակը հնչեցնելով։ ― Բարով արեք մր․ Դիկին և խնդրեցեք, որ այստեղ գա։

Մինչև ջենտլմենի գալը տատս անշարժ ու լուռ նստած էր և հոնքերը կիտած մտիկ էր անում դիմացի պատին։ Երբ ներս մտավ, տատս ներկայացրեց հյուրերին։

― Մր․ Դիկ, իմ մտերիմ ու վաղեմի բարեկամը, որի դատողությանը միշտ ահագին կշիռ եմ տալիս, ― հարեց տատս շեշտելով, սաստելու համար մր․ Դիկին, որ սկսել էր եղունգը կրծել և ապուշի պես կանգնած էր։

Մր․ Դիկն անմիջապես մատը շրթունքից հեռացրեց և ծանր ու լուրջ կերպարանք առավ։ Տատս գլուխը թեքեց դեպի մր․ Մեորդստոնը, որը և սկսեց․

― Միս․ Տրոտուդ, ձեր նամակն ստանալուն պես հարկ համարեցի պարտքս կատարել՝ մանավանդ հարգանացս հավաստիքը ձեզ անձամբ հայտնելու համար․․․

― Շնորհակալ եմ, ― ասաց տատս, սուր֊սուր նայելով նրա դեմքին։ ― Իմ մասին կարող եք անփույթ լինել։

― Հարկ համարեցի, չնայելով ճանապարհի դժվարությանը, ― շարունակեց մր․ Մեորդստոնը, ― անձամբ գալ, քան թե գրով պատասխանել։ Այս թշվառ տղան, որ փախել է իր հովանավորներից և գործից․․․

― Եվ որի տեսքը, ― մեջբերեց նրա քույրը, ամենքի ուշադրությունն իմ տարօրինակ հագուստի վրա դարձնելով, ― մի խայտառակ և անշնորհք բան է։

― Ջենի Մեորդստոն, ― ասաց եղբայրը, ― խնդրեմ մի՛ ընդհատիր ինձ։ Այս թշվառ տղան, միս Տրոտուդ, շատ ընտանեկան շփոթների ու տագնապների պատճառ է եղել թե՛ լուսահոգի կնոջս օրով և թե՛ նրա մահից հետո։ Դա մի համառ և ստամբակ բնավորություն ունի, մի ըմբոստ ու ապառաժ սիրտ, մի անբարեհամբույր և դժնդակ տրամադրություն։ Քույրս և ես շատ բան դրինք ուղղելու դրան, բայց իզուր։ Եվ ես անհրաժեշտ համարեցի, կամ լավ է ասել՝ երկուսս միասին անհրաժեշտ գտանք այս անաչառ և ցավալի հանգամանքը անձամբ գալով ձեզ հայտնել։

― Չեմ կարծում, որ եղբորս ասածի ճշմարտությունը իմ կողմից էլ պետք լինի հաստատել, ― ավելացրեց միս Մեորդստոնը։ ― Միայն թույլ տվեք ասել, որ իմ համոզմունքով աշխարհիս երեսին դրանից ավելի վատ տղա չկա։

― Շատ խիստ եք, ― ասաց տատս։

― Բայց ոչ այնքան, որքան խիստ են փաստերը, ― պատասխանեց միս Մեորդստոնը։

― Հը, ― ասաց տատս։ ― Շարունակեցեք, սըր։

― Թե ինչպես պետք է դաստիարակել դրան, այս մասին ես իմ առանձին հայացքն ունեմ, ― շարունակեց մր․Մեորդստոնը, որի երեսը, մինչ տատս ու նա իրար աչքով չափում էին, հետզհետե մռայլվում էր։

― Եվ այս հայացքը մասամբ այն ծանոթության վրա է հիմնված, որ ունեմ տղայի մասին, և մասամբ իմ եկամտի ու դրամական միջոցների վրա։ Միջոցներիս վերաբերմամբ ոչ մի մարդ իրավունք չունի ինձնից հաշիվ պահանջել․ ես վարվել եմ գաղափարներիս համեմատ, և այս մասին ավելի խոսելն ավելորդ է։ Բավական է ասել, որ ես տղայի համար մի պատվական գործ գտա և նրան իմ բարեկամի հսկողության ներքո դրի։ Բայց նա չի հավանում այդ գործը, նա փախչում է պաշտոնից, շրջմոլիկ է դառնում և ցնցոտիներ հագած այստեղ գալիս ձեզ դիմելու, միս Տրոտուդ։ Այժմ ձեզ եմ թողնում անաչառ կշռել, թե ձեր զիջողությունը դեպի այս տղան ինչ հետևանք կունենա։

― Սակայն պատվական գործից սկսենք, ― ասաց տատս։ ― Եթե այս տղան ձեր հարազատ որդին լիներ, անշուշտ դարձյալ միևնույն գործին կդնեիք, չէ՞։

― Եթե եղբորս հարազատ որդին լիներ, հարկավ մի ուրիշ բնավորություն կունենար, ― նկատեց միս Մեորդստոնը։

― Կամ եթե սրա խեղճ մայրը կենդանի լիներ, այն ժամանակ էլ սրան այդ ազնիվ գործին կդնեիք, չէ՞, ― հարցրեց տատս։

― Հավաստի եմ, ― ասաց մր․ Մեորդստոնը, գլուխը փոքր֊ինչ կախելով, ― որ ինչ էլ ես և քույրս վճռեինք անել, նույնը և Կլարան կընդուներ։

Միս Մեորդստոնը բավական լսելի մրմունջով եղբոր ասածը հաստատեց։

― Հըմ, ― ասաց տատս։ ― Խեղճ մանուկ։

Մր․ Դիկը, որ շարունակ իր գրպանի փողերն էր հնչեցնում, այժմ նրանց այնպես շարժեց, որ տատս պետք համարեց մի խիստ հայացք ձգել նրա վրա և ապա ասել․

― Իսկ որբի տարեկան եկամուտը, ա՞յդ էլ անշուշտ մոր հետ մեռավ։

― Այդ էլ մեռավ նրա հետ միասին, ― պատասխանեց մր․ Մեորդստոնը։

― Իսկ այն փոքրիկ կալվա՞ծքը․․․ տունն ու պարտեզը ― այն որորների բույնը՝ առանց որորների ― մի՞թե այն էլ չմնաց որդուն։

― Առաջին ամուսնու կողմից այն կալվածքը մորն էր կտակված անպայման, ― սկսեց մր․ Մեորդստոնը, բայց տատս անզուսպ ցասումով ընդհատեց նրան և գոչեց․

― Տեր իմ աստված, անպայման, և դո՞ւք եք ասում այդ բանը։ Գիտեմ, որ Դավիթ Կոպպերֆիլդը պայմանի մասին չէր մտածի, նույնիսկ եթե երեսին տայիր, թե անհրաժեշտ է պայման դնել։ Հավատում եմ, որ նա իր կնոջը պայմաններով չէր կապի։ Սակայն երբ կինը երկրորդ անգամ մարդու գնաց․․․ երբ հատկապես ձեզ հետ պսակվելու թշվառությունը ունեցավ․․․ մի՞թե այն ժամանակ էլ ոչ ոք ի նպաստ այս տղայի մի բառ չասաց։

― Հանգուցյալ կինս իր երկրորդ մարդուն սիրում էր և լիովին նրան հավատում, ― նկատեց մր․ Մեորդստոնը։

― Ձեր հանգուցյալ կինը, սըր, աշխարհի գործերին անտեղյակ մի շատ անբախտ, մի շատ թշվառ ու միամիտ մանուկ էր, ― պատասխանեց տատս, գլուխը սաստիկ շարժելով։ ― Այդպես էր նա։ Այժմ տեսնենք՝ էլ ի՞նչ ունեք ասելու։

― Միայն մի բան, միս Տրոտուդ, ― ասաց խորթ հայրս։ ― Ես եկել եմ Դավթին ետ տանելու, և տանելու առանց որևէ պայմանի և հետն այնպես վարվելու, ինչպես որ ինձ հաճելի կլինի։ Պարտավոր չեմ ումևիցե հաշիվ տալ կամ թե բան խոստանալ։ Գուցե դուք, միս Տրոտուդ, մտադիր եք դրա փախուստն արդարացնել և գանգատներին ականջ դնել։ Ձեր ուրույն վարմունքը մեզ հետ, տեղիք է տալիս այսպիսի ենթադրություն անելու։ Սակայն իմացած եղեք, միս Տրոտուդ, որ եթե դրան գեթ մի անգամ արդարացնեք, միշտ էլ պիտի արդարացնեք։ Եթե մի անգամ որոշեք նրա և իմ մեջտեղը կանգնել, միշտ էլ պիտի այդ դիրքը բռնեք, միս Տրոտուդ։ Ես կատակ չեմ անում, ինձ հետ էլ թող կատակ չանեն։ Այս առաջին ու վերջին անգամ այստեղ գալուս նպատակն է տուն տանել նրան։ Պատրա՞ստ է գալ։ Եթե պատրաստ չէ, ― և դուք ասեք, թե որևէ պատճառով, որ ես չեմ ուզում իմանալ, նա իսկապես պատրաստ չէ, ― այն ժամանակ իմ տան դուռը միշտ նրա համար փակ կլինի, իսկ ձերը հարկավ բաց։

Տատս ուշի֊ուշով ականջ էր դնում այդ ճառին, ականջ դնում բոլորովին ուղիղ նստած, ձեռքերը ծնկների վրա ծալած և շեշտակի նայելով խոսակցին։ Երբ սա վերջացրեց, տատս առանց իր դիրքը մի մազի չափ փոխելու՝ աչքերը շիտակ միս Մեորդստոնի վրա ուղղեց և ասաց․

― Իսկ դուք, տիկին, ի՞նչ կասեք։

― Ոչինչ, միս Տրոտուդ, ― պատասխամեց միս Մեորդստոնը։ ― Բոլոր ասելիքս և ամեն բան, ինչ որ գիտեմ, եղբայրս այնպես լավ բացատրեց, որ ինձ ոչինչ չի մնում անելու, բայց միայն շնորհակալություն հայտնել ձեր քաղաքավարի վերաբերմունքի համար, ձեր անզուգական քաղաքավարության համար, ― հարեց միս Մեորդստոնը հեգնությամբ, որ, սակայն, տատիս վրա այնքան ազդեց, որքան կազդեր այն թնդանոթի վրա, որի ներքև քնել էի Չետեմում։

― Լսենք այժմ, թե տղան ինքն ի՞նչ կասի, ― հարցրեց տատս, ինձ դառնալով։ ― Ուզո՞ւմ ես, Դավիթ, սրանց հետ գնալ։

Պատասխանեցի, թե չեմ ուզում, և խնդրեցի տատիս թույլ չտալ, որ ինձ տանեն։ Ասացի, թե մր․ Մեորդստոնը և նրա քույրը ամենևին չեն սիրել ինձ և երբեք հետս լավ չեն վարվել։ Ասացի, թե իմ պատճառով թշվառացրին մայրիկիս, որ ինձ այնքան սիրում էր, և թե այս բոլորը, ես լավ գիտեմ, ինչպես որ գիտի և Պեգգոտին։ Ասացի, թե ոչ ոք հասակիս նայելով չի հավատա, թե որքան եմ չարչարվել։ Վերջապես պաղատեցի, աղաչեցի տատիկիս (էլ չեմ հիշում ի՞նչ խոսքերով, բայց միտքս է, որ շատ հուզված էի) տեր կանգնել, թևարկել ինձ և պաշտպանել հորս սիրուն։

― Մր․ Դիկ, ― ասաց տատս, ― ի՞նչ անեմ այս երեխային։

Մր․ Դիկը փոքր֊ինչ մտածեց և հանկարծ զվարթանալով պատասխանեց․

― Հրամայեցեք, որ իսկույն դրա չափն առնեն և մի ձեռք հագուստ կարեն։

― Մր․ Դիկ, ― ասաց տատս հաղթանակով, ― ձեր աջը տվեք, ձեր ողջամիջ կարծիքն անգին է։

Նա մեկնված աջն ամուր սեղմեց և հետո ինձ իր մոտ քաշելով, ասաց մր․ Մեորդստոնին․

― Եթե կամենաք, կարող եք իսկույն հեռանալ։ Տղան իմ մոտ կմնա։ Եթե սա իրոք այնպես է, ինչպես որ ասում եք, ես կաշխատեմ սրա համար առնվազն այնքան անել, ինչքան որ դուք եք արել։ Սակայն ես ձեր ոչ մի խոսքին չեմ հավատում։

― Միս Տրոտուդ, ― ասաց մր․ Մեորդստոնը վերկենալով և ուսերը թոթվելով, ― եթե դուք մի տղամարդ լինեիք․․․

― Ի՜նչ անմիտ ու դատարկ խոսք, ― գոչեց տատս։ ― Խնդրեմ, այդպիսի բաներ չասեք ինձ։

― Այդ ինչ նուրբ քաղաքավարություն է, ― աղաղակեց միս Մեորդստոնը ոտքի կանգնելով։ ― Արդարև, գերազանց։

Տատս ամենևին աչք չդարձրեց քրոջ խոսքերին և շարունակելով եղբորը դիմել, սաստկությամբ ասաց․

― Մի՞թե կարծում եք, որ ինձ անհայտ է այն կյանքը, որին մատնել էիք սրա մորը, այն խեղճ, անբախտ և միամիտ մանկանը։ Կարծում եք չգիտե՞մ, թե որքան չարաղետ էր այդ քնքուշ ու հեզ արարածի համար այն օրը, երբ նա առաջին անգամ ձեզ տեսավ, և դուք կաթոգին հայացք ու քնքուշ ժպիտ կեղծելով, մի անմեղ գառնուկ ձևացաք նրան։

― Այդպիսի վայելուչ լեզու դեռ օրումս չէի լսել, ― բացականչեց միս Մեորդստոնը։

― Մի՞թե կարծում եք, ― շարունակեց տատս, ― թե չէի կարող հասկանալ ձեզ, այնպես լավ հասկանալ, ինչպես որ այս րոպեիս լավ տեսնում ու լսում եմ ձեզ, ― ինչ֊որ սակայն, ուղիղն ասած, ամենևին հաճույք չի պատճառում ինձ։ Օ՜հ, աստված իմ։ Ո՞վ կարող էր սկզբում ավելի անուշ, ավելի բարի, ավելի գրավիչ ձևանալ, քան մր․ Մեորդստոնը։ Խեղճ ու շվարած մանուկը դեռ իր օրում այդպիսի մարդ չէր տեսել։ Մարդը մի մարմնացյալ քաղցրություն էր։ Մարդը պաշտելով պաշտում էր նրան։ Մարդը պաշտում, գուրգուրում էր նրա մանկան։ Մարդն ասում էր, թե մանկան համար մի երկրորդ հայր կլինի․․․ գորովասիրտ, որդեսեր հայր, և երեքը միասին երանելի կյանք կվարեն մշտազվարճ բուրաստանում։ Այդպես չէ՞։ Ո՜ւֆ։ Հեռացե՛ք այստեղից։

― Ոչ մի ժամանակ չէի տեսել այս տիկնոջ պես նորահրաշ էակ, ― ասաց միս Մեորդստոնը։

Եվ երբ այն հիմար մանկանը ձեր ճանկը գցեցիք, ― ասաց տատս, ― թող ների ինձ աստված, որ այդպես եմ անվանում նրան․․․ իսկույն սկսեցիք վերակրթել նրան, այնպես չէ՞։ Սկսեցիք վանդակում փակված թռչնի նման տանջել նրան և ստիպել, որ իր անցյալ կյանքը մոռանա և ձեր ուզած երգը երգի։

― Այս կինը կամ հարբած է, կամ խելագար, ― գոչեց միս Մեորդստոնը, զայրանալով, որ չի հաջողվում իր կողմը դարձնել տատիս ճառի հոսանքը։ ― Հավաստի եմ, հարբած է։

Միս Բեթսին այս ընդհատումը բանի տեղ չդրեց, կարծես թե այդպիսի բան պատահած էլ չլիներ, և շարունակեց մր․ Մեորդստոնի գլխին թափել իր ճառի հեղեղը։

― Մր․ Մեորդստոն, ― ասաց նա, մատը նրա դեմ շարժելով, ― դուք մի բռնակալ էիք այն անմեղ մանկան համար․ դուք նրա սիրտը խորտակեցիք։ Նա մի գողտրիկ ու սիրալիր սիրտ ուներ․․․ ես այդ ձեզնիդ առաջ գիտեի, շատ առաջ․․․ և դուք նրա թուլության այդ ազնիվ ու գերազանց կողմն ընտրեցիք՝ այն վերքերը տալու համար, որոնք գերեզման իջեցրին նրան։ Այս է ահա ճշմարտությունը, որ կարող եք ընդունել կամ չընդունել ձեր սփոփանքի համար և ի պարծանքս ձեր արբանյակների։ Ինչպես կամենաք։

― Թույլ տվեք հարցնել ձեզ, միս Տրոտուդ, ― մեջ մտավ միս Մեորդստոնը, ― թե ո՞ւմ եք եղբորս արբանյակներ անվանում այդ ընտիր ոճերով, որոնց ականջս սովոր չէ։

Սակայն միս Բեթսին դարձայլ խուլ մնալով դեպի այդ ձայնը, առաջվա պես շարունակեց․

― Ճանաչելով այն քնքուշ մանկան մի քանի տարի ձեզնից առաջ, ինչպես որ արդեն ասացի, պարզ տեսնում էի, որ նա վաղ թե ուշ երկրորդ անգամ մարդու կերթա (մարդկային խելքից վեր է իմանալ, թե ինչո՞ւ նախախնամությունը կամեցավ, որ դուք նրան հանդիպեք), այդ պարզ էր, սակայն բնավ չէի կարծում, թե նա ձեզ նման մի մարդ կընտրի։ Այս ես իմացա, մր․ Մեորդստոն, երբ նա այս երեխային աշխարհ բերեց, այս խեղճ մանկանը, որին դուք սկսեցիք չարչարել՝ սրանով մորը տանջելու համար։ Այս հրեշտակները ձեզ համար դառն են և այս է ձեզ ատելի անում փոքրիկ Դավթի պատկերը։ Ա՛յ, ա՛յ։ Ինչո՞ւ եք ձեր հոնքերը պռստում։ Առանց այդ էլ գիտեմ, որ ասածս ճշմարիտ է։

Այս ամբողջ ընթացքում մր․ Մեորդստոնը դռան մոտ էր կանգնած և տատիս էր նայում ժպտուն դեմքով, մինչ նրա սև հոնքերը երբեմն կիտվում էին։ Թեև ժպիտը դեռ խաղում էր շուրթերի վրա, բայց նկատեցի, որ երեսի գույնը հանկարծ թռավ, և նա սկսեց մի վազող մարդու նման շունչ քաշել։

― Ողջույն ձեզ, սըր, և բարով գնաք, ― ասաց տատս։ ― Բարով գնաք և դուք տիկին, ― հարեց տատս, հանկարծ նրա քրոջը դառնալով։

Հավաստի եղեք, որ եթե մի ուրիշ անգամ էլ համարձակվեք գետնիս վրայով իշով անցնել, ես ձեր գլխանոցը կթռցնեմ և գետնով կտամ, ոտքերիս տակ կտրորեմ։ Իմացեք, հա՜։

Միայն նկարիչը, այն էլ ոչ հասարակ նկարիչը, կարող էր տատիս դեմքը պատկերացնել, երբ նա այս անսպասելի վերջաբանն արտասանեց, և նկարել միս Մեորդստոնի կերպարանքը, երբ սա լսեց։ Այդ սաստի ուժն այնպես ազդու էր, որ միս Մեորդստոնը, առանց մի բառ ասելու, լուռ ու մունջ եղբոր թևն առավ և խրոխտաճեմ դուրս եկան տանից։ Տատս շարունակեց պատուհանի մոտ նստած մնալ, նրանց հեռանալը դիտելով և անշուշտ պատրաստ անմիջապես իր սպառնալիքը գործի դնեու, եթե էշը երևար։

Բայց տատիս հրամանին չլսող չկար։ Նրա երեսը հետզհետե զվարթացավ։ Այս տեսնելով՝ ես սիրտ առա նրան համբուրելու և վզին փարվելով, ամենաջերմ շնորհակալություն հայտնեցի։ Հետո մոտեցա մր․ Դիկին և նրա աջը պինդ սեղմեցի․ նա էլ իմը ամուր թոթվեց և մի քանի անգամ թունդ ծիծաղեց, գործիս հաջող ելքի համար, ինձ խնդակից լինելով։

― Մր․ Դիկ, ― ասաց տատս, ― դուք և ես միասին այս տղայի խնամակալը կլինենք։

― Երջանկություն է ինձ համար Դավթի որդու խնամակալը լինել, ― պատասխանեց մր․Դիկը։

― Շատ բարի, ― ասաց տատս։ ― Ուրեմն բանը պրծած է։ Գիտե՞ք ինչ կա, մր․ Դիկ։ Ես կցանկանայի սրան Տրոտուդ անվանել։

― Ինչո՞ւ չէ, շատ լավ կանեք, ― ասաց մր․ Դիկը։ ― Դավթի որդի Կոպպերֆիլդ։

― Այսինքն՝ Տրոտուդ Կոպպերֆիլդ, ― նկատեց տատս։

― Անտարակույս։ Այո՛, հարկավ Տրոտուդ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Դիկը շփոթվելով։

Այս գաղափարն այնպես տատիս հափշտակեց, որ միևնույն օրն ինձ համար գնված շապիկների վրա իր ձեռքով հատուկ թանաքով «Տրոտուդ Կոպպերֆիլդ» գրեց և պատվիրեց, որ հենց այն օրը ապսպրած մյուս բոլոր շորերիս վրա էլ նույնը գրվի։

Այսպես սկսեցի մի նոր կյանք՝ նոր անունով և բոլորովին նոր շրջանում։ Տագնապալից օրերից հետո այս նոր վիճակը երազ էր թվում ինձ։ Մտքովս էլ չէր անցնում, թե ինչպե՞ս ընկա իմ տատի և մր․ Դիկի տարօրինակ հովանու տակ։ Առհասարակ այդ առաջին օրերին չէի կարողանում իմ մասին մի որոշ բան մտածել։ Միայն երկու բան պարզ չէր ինձ համար․ նախ՝ որ Բլենդրոտընում վարած կյանքս հեռացավ և կարծես թե մի անհուն ու միգապատ տարածության մեջ կորավ․ երկրորդ՝ որ Մեորդստոնի ու Գրինբիի մառանում անցկացրած օրերիս վրա ընդմիշտ մի վարագույր քաշվեց։ Ես ակամա մի վայրկայն այս պատության միջոցին նրան վերև քաշեցի և ուրախ սրտով ցած թողի։ Այնքան դառն է ինձ համար այն կյանքի հիշատակը, այնքան հարուստ բարոյական տանջանքներով ու տագնապիչ վշտերով, որ երբեք չեմ կամեցել հարցնել ինձ, թե գերությունս այն մառանում որքան տևեց։ Արդյոք մի տարի՞, թե՞ ավելի կամ պակաս ― չգիտեմ։ Գիտեմ միայն, որ այն բոլորը կար և անցավ, ինչպես գրեցի այս էջերում․ էլ ոչ մի խոսք այդ մասին։


ԺԵ․ գլուխ

Նորից եմ սկսում


Շատ չանցած մր․ Դիկն ու ես այնքան մտերմացանք, որ օրվա աշխատանքը լրանալուն պես սկսում էինք միասին մեծ ֆռռանը բաց թողնել։ Դժվար էր մր․ Դիկի աշխատանքը, անշարժ նստած, ամեն օր մշակում էր իր հիշատակարնը, որը, սակայն, չնայած նրա անդուլ ջանքերին, բնավ առաջ չէր գնում, որովհետև Կառլոս Առաջին թագավորն այսպես կամ այնպես միշտ սպրդում էր ձեռագրի մեջ, որից հետո պետք էր լինում ամբողջ թերթը դեն գցել և նորը սկսել։ Չէր կարելի չզարմանալ այդ հարատև ձախողանքների մեջ մր․Դիկի ցույց տված համբերության և տոկունության վրա, իրոք զարմանալի էր նրա զուր ճիգը՝ հեռու պահելու Կառլոս Առաջին թագավորին, և թագավորի համառությունը՝ անդադար ներս նետվելու հիշատակարանի մեջ և տակնուվրա անելու արդեն գրված թղթերը։ Արդյոք ի՞նչ էր հիշատակարանի նպատակը, ինչո՞ւ էր գրվում և կամ թե գրվելուց հետո ի՞նչ բանի պիտի ծառայեր, ― այս մասին կարծեմ մր․ Դիկն էլ ոչինչ չգիտեր, ինչպես և ոչ մի ուրիշ մահկանացու։ Սակայն պետք էլ չէր նրան այս հարցերի վրա չարչարվել, որովհետև եթե կար աշխարհիս երեսին մի հաստատ բան, այդ այն էր, որ հիշատակարանը երբեք չպիտի վերջանար։

Սրտաշարժ էր տեսնել մր․ Դիկին, երբ ֆռռանը սավառնելով դեպի երկինք էր բարձրանում։ Երբեմն կարելի էր կարծել, թե այն բոլորը, ինչ որ իր սենյակում պատմել էր ինձ հիշատակարանի անպետք թերթերից շինված ֆռռանի միջոցով մտքեր, փաստեր ու թվեր տարածելու մասին, մի հիվանդ երևակայության արդյունք է, սակայն այսպես կարծել չէր կարելի, երբ նա ֆռռանը բաց թողնելով ակնապիշ մտիկ էր անում նրա երերուն թռիչքին և լարի ձգվելն ու քաշվելը ձեռքի մեջ զգում։ Այդ միջոցին նրա աչքերը քաջառողջ մտքի լույսով էին վառվում։ Երբեմն֊երբեմն, երբ ես երեկոայն դեմ բլրի վրա նրա հետ նստած նայում էի, թե ինչպես է դիտում օդապար֊ֆռռանի վերասլացումը, ինձ թվում էր, թե ինքն էլ հոգով նրա հետ միասին դեպի երկինք է սլանում։ Իսկ երբ սկսում էր լարը հավաքել, և ֆռռանը քիչ֊քիչ ցած իջնելով լուսապայծառ երկնքից վերջապես դիակի նման տապալվում էր գետնի վրա, ― այն ժամանակ մր․Դիկը հոգեզմայլ քնից հետզհետե սթափվում էր, ֆռռանը վշտահար դեմքով վերցնում և մտամոլոր չորս կողմը նայում, կարծես ինքն էլ նրա հետ միասին ընկած լիներ արփիափայլ բարձրունքից։ Այն ժամանակ ես սրտանց վշտակցում էի մր․ Դիկին։

Որքան սերտանում էր մտերմությունս մր․ Դիկի հետ, այնքան էլ շնորհ էի գտնում նրա սրտակից բարեկամի առջև, այսինքն՝ տատիկիս։ Տատիս սիրտն այն աստիճան տաքացել էր իմ վրա, որ մի քանի շաբաթից հետո նա Տրոտուդ անունս, որ ինքն էր տվել, կրճատեց և սկսեց Տրոտ անվանել ինձ։ Մինչև անգամ քաջալերեց ինձ հուսալու, որ եթե սկսածիս պես շարունակեմ, մի օր գուցե նույն տեղը բռնեմ իր սրտում, ինչ֊որ բռնել էր Բեթսի Տրոտուդ քույրիկս։

― Տրոտ, ― ասաց տատս մի երեկո, երբ նա և մր․ Դիկը պատրաստվում էին ճատրակ խաղալ։ ― Արդեն ժամանակ է կրթությանդ մասին մտածելու։

Այդ իմ հոգսերի միակ առարկան էր, և ես անչափ ուրախացա տատիս խոսքերից։

― Կուզենայի՞ք Կենտրբերիի վարժարանը մտնել։

― Պատասխանեցի, թե շատ կցանկանայի, մանավանդ որ այդ վարժարանը հեռու չէր Դուվրից։

― Լավ, ― ասաց տատս։ ― Կուզենայի՞ր հենց վաղը գնալ։

Արդեն վարժված լիելով տատիս որոշումների արագությանը, բնավ չզարմացա այս հանկարծական առաջարկին և ասացի․

― Այո՛։

― Շատ լավ, ― կրկնեց տատս։ ― Ջենետ, կապսպրես որ վաղը, ժամը տասին, գորշ ձի լծած փոքրիկ կառքն այստեղ գա, և այս գիշերվանից մաստր Տրոտուդի իրեղենները կկապոտես։

Տատիս պատվերը սիրտս հրճվանքով լցրեց, բայց միևնույն րոպեին ես կշտամբեցի ինքս ինձ այս եսասիրկան զգացումիս համար, երբ տեսա, թե պատվերն ինչ տպավորություն արեց մր․Դիկի վրա։ Մեր մոտալուտ հրաժեշտը նրան այնպես վշտացրեց, և նա սկսեց ճատրակի խաղն այնպես վատ առաջ տանել, որ տատս մի քանի անգամ նրա մատներին ոսկորով զարնելուց հետո՝ տախտակը փակեց և ասաց, թե չի ուզում այլևս նրա հետ խաղալ։ Սակայն մր․Դիկը, լսելով տատից, թե ես երբեմն֊երբեմն շաբաթ օրերը տուն կգամ, ինքն էլ չորեքշաբթի օրերն ինձ կայցելի, նորից զվարթացավ և հանդիսավոր խոսք տվեց մի ուրիշ և ավելի մեծ ֆռռան շինել։ Առավոտյան նա դարձյալ տրտում էր և պատրաստ էր, եթե տատս չարգելեր, իր գրպանի բոլոր փողերը, արծաթն ու ոսկին ինձ պարգևել իրեն սփոփելու համար։ Տատս թույլ տվեց նրան միայն հինգ շիլինգ ընծայել ինձ, ― մի գումար, որ ընծայողի ջերմ խնդրանքով վերջ ի վերջո տասի հասավ։ Մենք իրարից շատ սրտաշարժ հրաժեշտ առանք պարտեզի դռնակի մոտ, և ծերունին տուն չմտավ, մինչև որ ես ու տատս չանհետացանք նրա աչքից։

Հասարակաց կարծիքին անտարբեր, տատս համարձակ քշեց գորշիկ ձին Դուվրի փողոցների միջով և իսկական կառապանի նման շիտակ նստած՝ քաջ գիտում էր աշխույժ կենդանու յուրաքանչյուր շարժումը, առանց թույլ տալու նրան, որ գեթ մազի չափ իր հաճույքին հետևի։ Երբ քաղաքից դուրս եկանք, սանձը փոքր֊ինչ թուլացրեց, և նայելով ինձ, որ բարձերի մեջ թաղված էի, հարցրեց՝ գո՞հ եմ, թե՞ ոչ։

― Շատ գոհ, տատի, շնորհակալ եմ, ― ասացի ես։

Տատս գոհ մնաց և իր հաճությունը հայտնելու համար մտրակի կոթով գլուխս շոյեց, որովհետև ձեռքերը զբաղված էին։

― Մե՞ծ է, տատիկ, այդ վարժարանը, ― հարցրի ես։

― Ինքս էլ չգիտեմ, ― ասաց նա։ ― Կերթանք նախ մր․ Ուիկֆիլդի մոտ։

― Նա վարժարանի տեսո՞ւչն է։

― Ո՛չ, Տրոտ, նա մի գործակալ է։

Այլևս բան չհարցրի մր․ Ուիկֆիլդի մասին, տատս էլ ոչինչ չասաց, և մինչե մեր Կենտրբերի հասնելն ուրիշ նյութերի մասին խոսեցինք։ Բազարի օր էր, և պետք եղավ շուկայով անցնել։ Տատս մեծ հմտությամբ քշեց գորշ ձին անթիվ սայլերի, տակառների, բանջարեղենի դեզերի և մանրուքի վրանների միջով։ Այս պտույտների միջոցին մազ էր մնում, որ աջ ու ձախ շեղված ապրանքները կամ սեղանները շուռ տայինք, ուստի շրջակա մարդիկ չէին դիմավորում մեզ շատ հաճելի խոսքերով՝ սակայն տատս շարունակում էր անվրդով առաջ քշել, և ես հավաստի եմ, որ մինչև անգամ թշնամիների երկրի միջով միևնույն արիությամբ ու սառնությամբ կանցկենար։

Վերջապես կանգ առանք մի հինավուրց տան առջև, որ հարևան շենքերի շարքից մի քանի քայլ դուրս էր ընկնում դեպի փողոցը․ նրա վանդակապատ պատուհաններն ու քանդակված մարդակները ավելի էին դուրս ցցվում, կարծես ձգտելով տեսնել, թե ի՞նչ է կատարվում փողոցի վրա։ Այս տան դրսի մաքրությունն անբիծ էր։ Կամարակապ մուտքի դռան վրա դրաշմված էին զանազան պտուղներ ու ծաղիկներ, և հնչակի պղնձե կոթը աստղի պես փայլում էր։ Դռան առջևի երկու քարե աստիճանները այնպես սպիտակ էին, որ ասես նուրբ կտավով ծածկված լինեին, և անկյուններն ու խորշերը, դրվագներն ու զարթերը, փոքրիկ պատուհաններն ու ապակիները, թեև բոլորն էլ հին էին, բայց սարերի վրա պսպղացող ձյունի նման ջինջ ու պայծառ։

Երբ մեր ձին դռան առջև կանգ առավ, և ես աչքերս այդ դռան վրա ուղղեցի, ստորին հարկի նեղ պատուհանից (տան մի մասը կազմող փոքրիկ ու կլոր աշտարակում) մի մեռելային դեմք երևաց և նույն րոպեին անհետացավ։ Այնուհետև կամարակապ դուռը բացեցին, և նույն դեմքը դուրս ելավ։ Այստեղ էլ նա մեռելագույն էր, թեև շեկ֊շեկ բծերով, որոնք երբեմն նշմարվում են կարմրահեր մարդկանց երեսին։ Եվ իրոք դուրս եկողը կարմրահեր պատանի էր․ ինչպես հետո իմացա՝ տասնհինգ տարեկան, թեպետ շատ ավելի հասակավոր էր երևում։ Նրա մազերը մինչև արմատը խուզված էին, ո՛չ հոնքեր ուներ, ո՛չ արտևանունք, և մթակարմիր աչքերն այնպես մերկ էին և անպատսպառ, որ չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս էր քնում։ Նա թիկնեղ ու ոսկրոտ էր․ հագին ուներ մի մաքուր և բոլորովին սև զգեստ, որ մինչև վիզը կոչկված էր, միայն փողպատի սպիտակ ծայրը դուրս թողնելով։ Հատկապես աչքիս ընկավ մանավանդ նրա երկար, վտիտ, իսկ և իսկ կմախքի ձեռքը, երբ նա մեր պոնիի առջև կանգնելով, սկսեց իր կզակը շփել և մեզ դիտել։

― Մր․ Ուիկֆիլդը տա՞նն է, Ուրիաս Հիպ, ― հարցրեց տատս։

― Մր․ Ուիկֆիլդը տանն է, տիկին, հաճեցեք ներս հրամայել, ― ասաց Ուրիաս Հիպը, երկար ձեռքը դեպի այն սենյակն ուղղելով, որ ուզում էր ցույց տալ մեզ։

Իջանք կառքից և խնդրելով ձին բռնել, մտանք մի ցած ու երկար և դեպի փողոցը նայող սենյակ։ Դրա պատուհանից դուրս նայելիս նկատեցի, որ Ուրիաս Հիպը պոնիի ռնգներին է փչում և իսկույն ծածկում, ասես մի տեսակ հմայություն անելով։ Հին ու մեծ վառարանի դեմուդեմ կախված էին երկու պատկեր․ մեկը մի ալեխառն մազերով ու սև հոնքերով, սակայն ոչ ծեր պարոնի դեմք էր (նա նայում էր կարմիր թելով կապված թղթերի վրա), մյուսը մի գրավիչ ու հեզադեմ տիկին էր։

Կարծեմ Ուրիասի պատկերը որոնելու վրա էի, երբ սենյակի ծայրի դուռը բացվեց և մի ջենտլմեն ներս մտավ, որին տեսնելուս պես պատի պատկերին մտիկ արի ստուգելու՝ արդյոք դա շրջանակից դուրս չէ՞ր եկել։ Սակայն պատկերը իր տեղն էր, և երբ պարոնը լույսին մոտեցավ, նկատեցի, որ նա իր կենդանագրից ավելի ծեր է։

― Միս Բեթսի Տրոտուդ, ― ասաց նա, ― խնդրեմ ներս հրամայեցեք։ Զբաղված էի և սպասել տվի, ներեցեք։ Իմ կյանքը ձեզ հայտնի է և գիտեք, որ այս աշխարհի հետ մի բանով եմ միայն կապված։

Միս Բեթսին շնորհակալ եղավ, և մենք պարոնի սենյակը մտանք, որ մի պաշտոնական գրասենյակի պես լիքն էր մատյաններով, թղթերով, անագե տուփերով և այլն։ Սենյակի պատուհանները դեպի այգին էին նայում և որի մեջ ճիշտ վառարանի քիվի վրա, մի երկաթե պահարան էր ամրացված, որին նայելով զարմանում էի, թե ծխնելույզ մաքրողները ինչպե՞ս են կարողանում նրա հետևով անցկենալ՝ վառարանը մաքրելիս։

Ջենտլմենը ինչպես իսկույն իմացա, նույն ինքը մր․ Ուիկֆիլդն էր։ Նա գործի մարդ էր, իրավաբան էր և մի հարուստ լորդի կալվածների կառավարիչ։

― Դե, միս Տրոտուդ, ― ասաց նա, ― ո՞ր քամին է ձեզ այստեղ բերել։ Հուսամ՝ բարի քամին։

― Այո, ― պատասխանեց տատս։ ― Սակայն դատական գործով չեմ եկել։

― Եվ լավ եք արել, որ այդպիսի գործով չեք եկել։

Նրա մազերն այժմ բոլորովին սպիտակ էին, թեև հոնքերը դեռ սև։ Երեսը շատ դուրեկան էր, մինչև անգամ գեղեցիկ։ Այտերը փոքր֊ինչ կարմիր էին, ինչ֊որ ես սովոր էի, Պեգգոտիի բացատրությանը նայելով, պորտվեյնի գործածության հետևանք համարել, նույն գինու ազդեցությանը վերագրեցի նաև պարոնի ձայնի թավ հնչունությունն ու մարմնի գիրությունը։ Հագուստը շատ վայելուչ էր, զգեստը կապույտ, բաճկոնը շերտավոր, վարտիքը նանկինից, իսկ նուրբ ծայրերով շապկի լանջն ու բատիստի փողպատը կարապի վզի փետուրների նման ձյունափայլ ու քնքուշ էին։

― Սա իմ եղբորորդին է, ― ասաց տատս։

― Չգիտեի, որ եղբորորդի ունեք, միս Տրոտուդ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։

― Ճիշտն ասած՝ եղբորորդուս որդին է, ― նկատեց տատս։

― Իրա՞վ։ Չգիտեի, որ եղբորորդու որդի ունեք, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։

― Ես որդեգրել եմ սրան, ― ասաց տատս, ձեռքն այնպես շարժելով, որ կարելի էր կարծել, թե նրա համար բոլորը մեկ է՝ ինչ գիտեր կամ չգիտեր պարոնը։ ― Ես սրան բերել եմ՝ տալու մի այնպիսի վարժարան, որ սրան լավից լավ կրթեն և հետը լավ վարվեն։ Ասացեք, որտե՞ղ կա մի այդպիսի դպրոց, ո՞վ է պահում, և ամեն բան, ինչ որ պետք է գիտենալ։

― Պատասխանելուց առաջ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ― կցանկանայի իմ սովորական հարցն ուղղել ձեզ։ Ձեր այդ քայլի շարժառիթն ի՞նչ է։

― Այդ ինչ մարդ եք, տեր ողորմյա՜, ― գոչեց տատս։ ― Միշտ հազար ու մի բան եք մտածում, մինչ մտածելու բան էլ չկա։ Շարժառիթս շատ պարզ է․ ես ուզում եմ, որ տղան մի օգտակար ու բախտավոր մարդ դառնա։

― Կարծում էի, թե մի խառն ու բարդ շարժառիթ է, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, գլուխը շարժելով և երկբայությամբ ժպտալով։

― Խառն ու բարդ զահրումար, ― գոչեց տատս։ ― Կարծում եք, թե աշխարհումս միայն դո՞ւք եք պարզ ու հայտնի շարժառիթով գործ բանում։ Մի՞թե ձեզ նման ուղիղ գործող ուրիշ մարդ չկա։

― Ինչո՞ւ չէ, միս Տրոտուդ։ Սակայն ես մի շարժառիթ միայն ունեմ կյանքում։ Ուրիշ մարդիկ տասը, քսան, հարյուրավոր ունեն։ Իմս միայն մի հատ է։ Այս է ահա տարբերությունը։ Անցնենք սակայն ձեր խնդրին։ Ուզում եք իմանալ, թե ո՞րն է ամենալավ ուսումնարանը։ Ինչ էլ լիներ ձեր շարժառիթը, ուզում եք իմանալ, թե ո՞րն է ամենալավը։

― Այո՛, ― ասաց տատս։

― Ամենալավում, որ ինձ հայտնի է, ― ասաց մր․ Ուիկֆիլդը մտածելով, ― ձեր թոռը չի կարող այժմ ընդունվել։

― Եվ ինչո՞ւ։

― Որովհետև լիքն է և գիշերօթիկ աշակերտների համար տեղ չունի։

― Սակայն մի՞թե սրան չի կարելի մի ուրիշ տեղ բնակվել և երթևեկ լինել, ― հարցրեց տատս։

Մր․ Ուիկֆիլդը հնարավոր գտավ այդպես անել։ Կարճ խոսակցությունից հետո նա առաջարկեց տատիս իր հետ միասին այն դպրոցը գնալ, անձամբ տեսնել, թե ի՞նչ կարգեր կան այնտեղ, և ապա միասին աչքի անցնել մի քանի տուն, ուր կարելի լիներ ինձ տեղավորել։ Տատս ընդունեց այս առաջարկը, բայց երբ ուզում էինք դուրս գնալ, մր․ Ուիկֆիլդը դռան մոտ կանգնեց և ասաց․

― Մեր փոքրիկ բարեկամը գուցե ունենա մի որևէ շարժառիթ չուղեկցելու մեզ։ Լավ չէ՞ր լինի, որ մնար և այստեղ սպասեր։

Տատս կարծեմ մտադիր էր հակառակել, բայց ես գործը դյուրացնելու համար ասացի, թե սիրով կմնամ, և մնալով մր․ Ուիկֆիլդի գրասենյակում, նստեցի առաջվա աթոռիս վրա՝ սպասելու մինչև որ նրանք վերադառնան։

Այդ աթոռը դրված էր ճիշտ մի նեղ նրբանցքի դեմ, որ այն փոքրիկ կլոր սենյակով էր վերջանում, որի պատուհանի մեջ տեսել էի Ուրիաս Հիպի գունատ դեմքը։ Նա մերձակա ախոռն էր տարել մեր պոնին և այժմ նստած էր սեղանի առջև ու մի թուղթ էր արտագրում, որը դրված էր մի պղնձե շրջանակի մեջ։ Թեև նա նստած էր իմ հանդեպ, բայց իր դեմ դրված արտագրելի թղթի պատճառով կարծես թե չէր տեսնում ինձ․ սակայն ավելի լավ դիտելուց հետո տհաճությամբ նշմարեցի, որ նրա բորբոքուն աչքերը երկու կարմիր աստղերի նման երբեմն֊երբեմն թղթի տակից դուրս են նայում և անքթիթ վրաս պշնում առնվազն մի րոպեի չափ, մինչ նրա գրիչը շարունակում էր առաջվա պես արագ սահել։ Մի քանի անգամ փորձեցի, մերթ քարտեզը դիտելով, մերթ Կենտի լրագրի մեջ սուզվելով խույս տալ անհաճո հայացքից, բայց աչքերը շարունակ քաշում էին ինձ, և հենց որ ես այդ վառ աստղերի կողմն էի նայում, վստահ էի, որ կամ վրաս սևեռած և կամ թե նույն վայրկյանին մայր մտած կգտնեմ նրանց։

Մի ժամից հետո տատս ու մր․ Ուիկֆիլդը վերջապես վերադարձան, և ես թեթևություն զգացի։ Նրանց հարցուփորձերը իմ փափագած հաջողությունը չէին գտել․ թեև դպրոցը տատիս լիովին գոհացրել էր, բայց ինձ համար տեսնված բնակարաններից և ոչ մեկը նրան դուր չէր եկել։

― Այս ինչ անախորժ բան է, Տրոտ, ― ասաց նա։ ― Չգիտեմ, ի՞նչ անեմ։

― Իրավ, որ անախորժ, ― կրկնեց մր․ Ուիկֆիլդը։ ― Սակայն գիտե՞ք ինչ կարելի է անել, միս Տրոտուդ։

― Ի՞նչ, ― հարցրեց տատս։

― Առժամանակ ինձ մոտ թողեք ձեր թոռնիկին։ Հանդարտ տղա է երևում և հուսամ, որ ինձ չի խանգարի։ Այս տունը կարծես իրոք ուսման համար է շինված, մենաստանի պես հանգիստ է և բավական ընդարձակ։ Թողեք այստեղ։

Այս առաջարկն ակներև դուր եկավ տատիս, ինչպես և ինձ, բայց նա քաշվում էր ընդունել։

― Դե, ի՞նչ կասեք, միս Տրոտուդ, ― շարունակեց մր․ Ուիկֆիլդը։ ― Դժվարության առաջն առնելու ուրիշ հնար չկա։ Հասկանալի է, որ այս կարգադրությունը մի ժամանակավոր բան կլինի։ Եթե տեսնենք, որ լավ չենք արել և կամ ստուգենք, որ մեր արածը բոլորիս հանգստությանը ձեռնտու չէ, ձեր տղայի համար մի ուրիշ տեղ կճարենք և ժամանակ կունենանք ավելի լավ տեղ ճարելու։ Իսկ առայժմ լավ կլինի, որ այստեղ մնա։ Վճռեցինք։

― Շատ շնորհակալ եմ, ― ասաց տատս։ ― Թոռս էլ, ինչպես տեսնում եք, շնորհակալ է, բայց․․․

― Էհ, հասկանում եմ ձեր միտքը, ― գոչեց մր․ Ուիկֆիլդը։ ― Միամիտ եղեք, միս Տրոտուդ, և մի՛ քաշվեք, իբր թե մի շնորհ ընդունելով ինձնից։ Եթե կամենաք, կարող եք վճարել տղայի համար։ Պայմանների մասին անտարակույս չենք վիճի․ վճարեցեք, եթե կամենաք։

― Ա՛յդ պայմանով, որ սակայն ձեր երախտյաց արժեքը ամենևին չի նվազեցնում իմ աչքում, ― ասաց տատս, ― շատ ուրախ եմ թողնել Տրոտին։

― Ուրեմն այժմ գնանք իմ փոքրիկ տնտեսուհուն տեսնելու, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։

Բարձրացանք մի հին սանդուխքով, որի բազիրքն այնքան լայն էր, որ կարելի էր նրա վրայով էլ հանգիստ քայլել, և մտանք մի հինավուրց դահլիճ։ Դա լուսավորված էր երեք֊չորս զարդարուն պատուհաններով, որոնք դեռ փողոցից ուշադրությունս գրավել էին․ նրանց խորշերում կանգնած էին հին աթոռներ, որոնք կարծես միևնույն կաղնուց շինված լինեին, ինչպես պսպղուն հատակն ու առաստաղը։ Դահլիճը վայելչապես զարդարված էր մի դաշնամուրով, մի քանի զվարթ կարմիր ու կանաչ կարասիներով, մի քանի թարմ ծաղիկներով։ Ամենուրեք երևում էին անկյուններ ու խորշիկներ և յուրաքանչյուրի մեջ մի սիրուն սեղան, մի դարակ, մի գրադարան, մի բազմոց և կամ մի ուրիշ այդպիսի բան։ Ո՛ր խորշիկը կամ անկյունն էլ զննեի, ասում էր, թե դա է ամենից գեղեցիկը, այնինչ հետո մեկ ուրիշն էր հանդիպում, որ նույնչափ սիրուն էր, եթե ոչ ավելի գրավիչ։ Ամեն մի առարկայի վրա անդորրության և մաքրության կնիք կար, որ շենքի ամբողջ երևույթին հատուկ էր։

Մր․ Ուիկֆիլդը մի դրվագավոր դռնակ բախեց և նույն րոպեին համարյա իմ հասակի մի աղջիկ դուրս վազեց ու նրան համբուրեց։ Ես իսկույն նկատեցի նրա երեսի վրա միևնույն քաղցր ու զվարթ արտահայտությունը, որով ինձ գրավել էր ներքևի սենյակի տիկնոջ պատկերը, կարծես այն պատկերը մեծանալով կին էր դարձել, իսկ նախատիպը մանուկ մնացել։ Աղջկա դեմքը երջանիկ ու զվարթ էր, թեև ամբողջ տեսքը մի բարեհամբյուր հեզություն, անվրդով հանգստություն և սրտի ազնվություն էր ցույց տալիս, որ ես երբեք չեմ մոռացել, հավիտյան էլ չպիտի մոռանամ։

― Ահա փոքրիկ տնտեսուհիս, իմ դստրիկ Ագնեսը, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։

Հենց որ լսեցի, թե նա այդ խոսքերն ինչպես ասաց և տեսա, թե աղջկա ձեռքից ինչպես բռնեց, հասկացա, թե կյանքի միակ շարժառիթը և հոգսերի առարկան ով է։

Աղջկա գոտուց մի փոքրիկ հյուսկեն տոպրակ էր կախված՝ լի զանազան բանալիներով, և ինքը նման էր մի ուշիմ ու զգաստ տանտիկնոջ, որ լիովին պատշաճում էր այդ հին տանը։ Նա ժպտուն դեմքով ականջ դրեց, թե հայրն իմ մասին ինչ ասած, և հետո իմ տատից թույլտվություն խնդրեց, որ ինքն ու ես վերև գնանք իմ սենյակը տեսնելու։ Բոլորս միասին նրա հետևից գնացինք։ Նա ցույց տվեց մեզ մի հին սենյակ, որ մյուսների նման հոյակապ էր։

Չեմ հիշում, թե ո՞ր եկեղեցում և հատկապես ե՞րբ էի տեսել մի նկարեն պատուհան․ չեմ էլ հիշում, թե ի՞նչ էր պատկերում պատուհանի նկարը։ Բայց երբ փոքրիկ տնտեսուհին սանդուղքով բարձրացավ և դրա լույսի մեջ շուռ եկավ, որ մեզ սպասի, ես ակամա այն նկարեն պատուհանը հիշեցի, որի մեղմիկ ու ջինջ փայլն այնուհետև Ագնես Ուիկֆիլդի հետ միացած մնաց մտքիս մեջ։

Տատս և ես շատ գոհ մնացինք իմ մասին եղած որոշումով, և բոլորս միասին ուրախ սրտով դահլիճն իջանք։ Տատս ամենևին չուզեց ճաշին մնալ, ասելով թե շտապում է մինչև երեկո տուն հասնել, մր․ Ուիկֆիլդն էլ, որ նրա համառ բնավորությունը լավ էր ճանաչում, ավելորդ համարեց թախանձել նրան։ Ուստի տատիս համար մի թեթև նախաճաշիկ պատրաստեցին։ Ագնեսը իր վարժուհու մոտ գնաց, իսկ մր․ Ուիկֆիլդը՝ իր սենյակը։ Մեզ մենակ թողին, որ ազատ հրաժեշտ առնենք միմյանցից։

Տատս ասաց, թե մր․ Ուիկֆիլդն ամեն բան կհոգա ինձ համար, և ես ոչ մի բանի կարոտություն չեմ զգա։ Այնուհետև գորովալիր խոսքեր ասաց և պատվական խրատներ տվեց։

― Տրոտ, ― ասաց ի վերջո, ― պատիվ բեր քեզ, ինձ, մր․ Դիկին, և թող աստծու աչքը քաղցր լինի քեզ վրա։

Ես հոգով սրտով հուզվեցի և ջերմ շնորհակալությունից և մր․ Դիկին իմ ողջույնը հայտնելու խնդրից զատ՝ ուրիշ ոչինչ չկարողացա արտասանել։

― Երբեք և ոչ մի բանում չստորանաս, չկեղծես, անսիրտ չլինես, ― ասաց տատս։ ― Զգուշացիր, Տրո՛տ, այս երեք ախտից, և ես միշտ լավ հույսեր կունենամ քո վերաբերմամբ։

Ինչքան որ լեզուս ներեց խոստացա ոչ մի ժամանակ նրա հավատը ի դերև չհանել և խրատները չմոռանալ։

― Պոնին արդեն դռան առջև է, ― ասաց տատս։ ― Ես գնում եմ։ Դու կմնաս։

Այս ասելիս նա ինձ շտապ֊շտապ համբուրեց և դուրս գնալով դուռը ծածկեց։

Սկզբում նրա հապճեպ մնաս բարովը շփոթեցրեց ինձ, և սիրտս կասկած ընկավ, թե արդյոք որևէ բանով չե՞մ վշտացրել նրան, սակայն երբ պատուհանից դուրս նայելիս նշմարեցի, թե որքան տխուր է կառք նստում, տատիս սիրտը լավ հասկացա և զգացի, որ երկյուղս անհիմն է։

Ժամը հինգին, որ մր․ Ուիկֆիլդի ճաշելու ժամն էր, արդեն ուշքս֊միտս հավաքել էի և ներքև իջել ամենալավ ախորժակով։ Սեղանի վրա միայն երկու հոգու սպասք կար ― մր․ Ուիկֆիլդի և ինձ համար, սակայն Ագնեսը, որ դահլիճում սպասում էր հորը, նրա հետ միասին ճաշարան մտավ և նրա հանդեպ սեղան նստեց։ Ես իմացա, որ հայրը չէր կարող առանց աղջկա ներկայության ճաշել։

Ճաշից հետո նորից վերևի զարդարուն դահլիճը գնացինք։ Դրա հանգիստ անկյուններից մեկում, մի կլոր սեղանի վրա Ագնեսը մի բաժակ և մի շիշ պորտվեյն դրեց հոր համար։ Ես հասկացա, որ գինին համ չէր տա հոր քիմքին, եթե մեկ ուրիշի ձեռքով նրա առջև դրված լիներ։

Եվ հայրը նստեց և սկսեց գինին անուշ անել․ այս տևեց մոտ երկու ժամ, մինչ դաշնամուրի առջև նստած Ագնեսը մեկ նվագում էր, մեկ գործում, մեկ հոր հետ և մեկ ինձ հետ խոսում։ Մր․ Ուիկֆիլդը մեզ հետ առհասարակ ուրախ ու զվարթ էր, սակայն երբեմն ակնապիշ մտիկ էր անում աղջկան և լուռ մնում, մտքերի մեջ խորասուզված։ Աղջիկն իսկույն նկատում էր այդ և շտապում որևէ բառով կամ գգվանքով նրա թախիծը փարատել։ Այն ժամանակ հայրը սթափվում էր և նորից բաժակը լցնում։

Ագնեսը թեյ պատրաստեց․ թեյից հետո էլ փոքր֊ինչ նստեցինք, և վերջապես նա վերկացավ իր ննջարանը գնալու։ Հայրը համբուրեց նրան և երբ աղջիկը հեռացավ, հրամայեց մոմեր վառել իր գրասենյակում։ Այնուհետև ե՛ս էլ գնացի պառկելու։

Սակայն դեռ անկողին չմտած փողոց ելա․ ուզում էի զբոսնել տան առջև, Կենտրբերիի հին տաճարին ու շենքերին նայել և հարցնել ինձ, թե փախուստիս ժամանակ ինչպե՞ս էի անցել այն տան մոտով, որի մեջ այժմ պիտի ապրեի։ Ետ գալիս տեսա, Ուրիաս Հիպը գրասենյակի դուռը փակում է։ Կամենալով ամեն մարդու հետ հաշտ լինել, մոտեցա նրան, մի քանի խոսք ասացի և բաժանվելիս աջս տվի։ Բայց ինչպես սառն, ինչպես խոնավ ու գարշելի էր նրա ձեռքը։ Հետո ես երկար ժամանակ իմ աջը տրորում էի, որ տաքացնեմ և նրա ձեռքի շփման հետքերից մաքրեմ։

Այդ ձեռքն այն աստիճան խժգալի էր, որ նրա պաղությունն ու գիջությունը դեռ սենյակումս էլ զգում էի։ Եվ մինչ պատուհանին հենվելով դուրս էի նայում, կարծես թե առաստաղի գերանների ծայրին քանդակված գլուխներից մեկը շիլ֊շիլ ինձ մտիկ տվեց։ Ասես թե Ուրիաս Հիպն էր գլուխը դուրս տնկել․ ես սոսկացի և նույն րոպեին պատուհանը փակեցի։


ԺԶ․ գլուխ

Շատ կողմերով նոր տղա եմ


Հետևյալ օրը ես դպրոցական կյանք սկսեցի։ Մր․ Ուիկֆիլդը ապագա ուսմանս ասպարեզը տարավ ինձ ― դա մի ծանր շինություն էր ընդարձակ բակով և գիտական տեսքով, որից դիմացի գետնի վրա լուրջ զբոսնող ագռավներն ու որորներն անգամ կարծես թե պատկառում էին։ Առաջնորդս ինձ իմ նոր տեսչին՝ դոկտոր Ստրոնգին ներկայացրեց։

Դոկտոր Ստրոնգն ինձ նույնքան ժանգոտ երևաց, որքան և բակի երկաթապատ ցանկապատն ու դուռը, և նույնպես ծանր ու հաստաբեստ, ինչպես շրջապատի սյուների գլխին հավասար շարքով հաստատված ահագին քարե սափորները, որոնք ժամանակի հարվածներից արդեն գլորվելու մոտ էին։ Նա նստած էր իր գրադարանում։ Ո՛չ նրա շորերն էին մաքուր սրբված, ո՛չ մազերն էին կարգին սանրված, ոչ ծնկների կապն էր պինդ քաշված, ո՛չ էլ սև զանգապանները լավ կոճկված․ իսկ մուճակները բերանբաց հորանջելով՝ գորգի վրա էին գլորվել։ Նրա անփայլ աչքերը ինձ այն պառավ ու կույր ձին հիշեցրին, որ մի ժամանակ Բլենդրոտընի գերեզմանատան քարերի շուրջն էր ման գալիս։ Դոկտոր Ստրոնգը վրաս նայեց և ասաց, թե ուրախ է տեսնել ինձ և հետո աջը մեկնեց, որի հետ չգիտեի ի՞նչ անեմ, որովհետև անշարժ էր։

Սակայն դոկտորի մոտ, սեղանի առջև գործելով նստած էր մի շատ գեղեցիկ նորատի կին, որին նա մի քանի անգամ Աննի անվանեց և որին ես նրա աղջկա տեղ դրի։ Այդ տիկինը նեղ դրությունից ազատեց ինձ․ նա վեր կացավ և դոկտորի դիմացը չոքելով, ժիր֊ժիր հագցրեց նրա մուճակները և զանգապանները կոճկեց։ Այս գործը վերջացնելուն պես նա հեռացավ, իսկ մենք դեպի դասարանը գնացինք։ Ես շատ զարմացա, երբ մր․ Ուիկֆիլդը հեռացող տիկնոջը մնաս բարով ասելիս նրան «միստրիս Ստրոնգ» անվանեց, և վարանած մնացի, չիմանալով, թե լեդին դոկտոր Ստրոնգի որդո՞ւ կինն է, թե՞ նույն ինքը դոկտոր Ստրոնգի ամուսինը։ Դոկտոր Ստրոնգը անգիտակցաբար տարակույսս փարատեց։

― Ի դեպ, Ուիկֆիլդ, ― ասաց նա, ձեռքն ուսիս դրած, կանգ առնելով նրբանցքում, ― մի հարմար պաշտոն դեռ չե՞ք գտել իմ կնոջ քեռորդու համար։

― Ո՛չ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Ո՛չ, դեռ չեմ գտել։

― Ափսոս, Ուիկֆիլդ, ― նկատեց դոկտոր Ստրոնգը։ ― Ես կցանկանայի, որ այդ գործը շուտ վերջանար, որովհետև Ջոն Մելդընը չքավոր և անգործ է․ և դուք գիտեք, որ այս երկու վատ բաներից շատ անգամ շատ ավելի վատ բաներ են առաջ գալիս։ Դոկտոր Ուատսը զուր չի ասել, ― հարեց նա, վրաս նայելով ու գլուխը շարժելով, ― թե «Պարապ ձեռքերի համար սատանան միշտ մի անելիք կգտնի»։

― Էհ, դոկտոր, ― պատասխանեց մր․ Ուիկֆիլդը, ― եթե դոկտոր Ուաթսն ավելի մոտիկ ճանաչեր մարդկանց, նույն իրավմամբ կասեր, թե «Աշխատող ձեռքերի համար սատանան միշտ մի անելիք կգտնի»։ Հավաստի եղեք, որ աշխարհումս կատարվող չարիքների մեջ աշխատող մարդիկ էլ մեծ մաս ունեն։ Ի՞նչ արին այս վերջին երկու տարում իշխանության ու փողի հետամուտ ճարպիկ ու աշխատող մարդիկ։ Մի՞թե մեզ սակավ չարիք հասցրին։

― Չեմ կարծում, որ Ջոն Մելդընը շատ հետամուտ լինի իշխանության կամ փողի, ― ասաց դոկտոր Ստրոնգը, կզակը շփելով։

― Գուցե, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Սակայն վերադառնանք մեր հարցին, որից շեղվելու համար հուսամ, թե ինձ կներեք։ Ո՛չ դոկտոր, Ջոն Մելդընի համար ես դեռ ոչինչ չեմ արել։ Կարծում եմ․․․ ― ավելացրեց նա փոքր֊ինչ վարանելով, ― թե ձեր շարժառիթը հասկացել եմ, և հատկապես այս է իմ գործը դժվարացնում։

― Շարժառիթս է, ― պատասխանեց դոկտորը, ― մի վայելուչ պաշտոն գտնել իմ կնոջ քեռորդու և մանկության ընկերոջ համար։

― Գիտեմ, գիտեմ, պաշտոն գտնել Անգլիայում և կամ թե սահմանից դուրս, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, վերջին խոսքերն առանձնապես շեշտելով։

― Այո, ― պատասխանեց դոկտորը, ակներև զարմանալով այդ շեշտից։ ― Անգիլայում և կամ թե սահմաններից դուրս։

― Այդ ձեր հատուկ խոսքերն են, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Դուք ինքներդ ասել էիք՝ «և կամ թե սահմաններից դուրս»։

― Անտարակույս, ― հաստատեց դոկտորը։ ― Անտարակույս։ Այստեղ կամ դուրսը։

― Ձեզ համար միևնո՞ւյն է, թե որտեղ, ― հարցրեց մր․ Ուիկֆիլդը։

― Միևնույն։

― Միևնո՞ւյն։

― Անշուշտ։

― Եվ դուք ամենևին առիթ չունե՞ք կամենալու, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ― որ նա արտասահմանում պաշտոն գտնի, այլ ոչ թե այստեղ։

― Ամենևին, ― պատասխանեց դոկտորը։

― Ուրեմն պատրաստ եմ հավատալ ձեզ և հավատում եմ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Եթե ես այդ ավելի առաջ գիտենայի, անելիքս շատ կհեշտանար։ Սակայն ուղիղն ասած, ես ուրիշ կարծիք ունեի։

Դոկտոր Ստրոնգը շփոթություն և կասկած արտահայտող աչքով նայեց նրա վրա, բայց և իսկույն սկսեց ժպտալ, և այս ժպիտը մեծապես ինձ քաջալերեց, դրա մեջ այնքան հեզություն կար և նրա միտքը գիտնականի սառը կեղևը դեն նետելուց հետո այնպես բարի թվաց ինձ, որ չէր կարող քաջալերիչ հույսեր չներշնչել ինձ նման փոքրիկ աշակերտին։ «Միևնույն, անշուշտ, ամենևին» կրկնելով, դոկտոր Ստրոնգը երերաքայլ առաջ գնաց, մենք էլ նրան հետևեցինք։ Մր․ Ուիկֆիլդը շատ մտահույզ էր․ մի քանի անգամ գլուխը թոթվեց առանց իմանալու, որ ես նրան տեսնում եմ։

Դասարանը տան հետևի մասում գտնվող մի ընդհարձակ դահլիճ էր․ պատուհաններից երևում էին վեց֊յոթ հատ մեծ֊մեծ քարե սափորներ և դոկտոր Ստրոնգի հին պարտեզի մի մասը, որի արևադեմ պատի տակ դեղձենիներ էին կանգնած՝ հասուն պտուղներով, իսկ մեջտեղը՝ կանաչապատ տակառներում՝ երկու փշոտ ու լայնատերև հալվեներ, որոնք այն օրից ի վեր ինձ համար, մտքերի բնական զուգորդությամբ, լռիկ անդորության և մենության նշանակ դարձան։ Երբ ներս մտանք, մոտ քսանհինգ աշակերտ նստած կարդում էին․ նրանք իսկույն վերկացան դոկտորին ողջունելու և տեսնելով մր․ Ուիկֆիլդին ու ինձ, կանգնած մնացին։

― Ահա ձեզ մի նոր ընկեր, մանուկ ջենտլմեններ, ― ասաց դոկտորը, ― Տրոտուդ Կոպպերֆիլդ։

Նույն րոպեին Էդեմս ավագ աշակերտը տեղից դուրս ելավ և բարի գալուստ մախթեց ինձ։ Սպիտակ փողպատին նայելով՝ նա անգլիական պաստորի էր նման, թեև մի կայտառ և սիրեի տղա էր։ Նա ինձ իմ նստելու տեղը ցույց տվեց և ուսուցիչներին ներկայացրեց մի այնպիսի վայելուչ եղանակով, որ անշուշտ վստահություն կներշնչեր ինձ, եթե միայն կարելի լիներ։

Սակայն ես այնքան ժամանակ այդպիսի տղաների շրջանից զուրկ էի մնացել, և բացի Միկ Ուոկրից և Ալյուրոտ փաթաթեսից, ուրիշ ընկերներ չէի ունեցել, որ այժմ սաստիկ քաշվում էի։ Պարզ զգում էի, որ ես այն տեսակ բաներ եմ տեսել կյանքիս մեջ, և չնայած հասակիս, դեմքիս և վիճակիս, այնպիսի փորձառություն ձեռք բերել, որի մասին նոր ընկերներս գաղափար անգամ չունեին․ ինձ թվում էր, թե ես գրեթե խաբեություն եմ անում, իբրև մի սովորական նորեկ մանուկ նրանց շարքը մտնելով։ Մեորդստոնի ու Գրինբիի մառանում այնքան էի մոռացել մանկական խաղերն ու զբոսանքները, որ զգում էի, թե բոլորովին անշնորհք կերևամ այդ բաներում։ Այն ուսման փոքրիկ պաշարն էլ, որ ստացել էի մի ժամանակ, այնպես էր ջնջվել իմ մտքից՝ մի կտոր հաց ճարելու համար օր ու գիշեր գծուծ հոգսեր քաշելուցս, որ այժմ, երբ սկսեցին ինձ քննել, պարզվեց, որ ոչինչ չգիտեմ, և ամենացածր բաժանմունքը նստեցրին ինձ։ Սակայն խաղերին անվարժ և նոր ընկերներիս մեջ ուսումով հետինը լինելս ինձ համար այնքան դառը չէր, որքան դառն էր այն հանգամանքը, որ ես ոչ թե իմ չգիտեցած, այլ գիտեցած բաներով եմ զանազանվում նրանցից։ Մտածում էի․ նրանք ի՞նչ կասեն, եթե իմանան, որ ես արդեն քաջ ծանոթ եմ պարտապանների բանտի հետ։ Արդյոք վրաս որևէ հետք չի՞ մնացել, որ կամքիս հակառակ մատներ իմ ծանոթությունը Միկաբրի ընտանիքի հետ․ իրեր գրավ դնելս, վաճառելս, ընթրիքներ վայելելս։ Հապա եթե աշակերտներից մեկը տեսած լինի պատառոտված շորերով ու ջարդված անցնելս Կենտրբերիի փողոցներով և այժմ ճանաչի՜։ Ի՞նչ կասեն այս մանուկները, որոնք դեռ փողի արժեքը չգիտեն, երբ լսեն, թե ինչպես եմ պենսերով հաշվել իմ գումարը՝ օրական սնուդս հոգալիս, փոքր֊ինչ պուդինգ ու գարեջուր և կամ հաց ու երշիկ գնելիս։ Որքա՜ն կզարմանան Լոնդոնի կյանքին ու Լոնդոնի փողոցներին բնավ անտեղյակ այս համբակները, երբ իմանան, որ արդեն մեր ոստանի ամենավատթար կողմերի հետ ծանոթ եմ, թեև ամաչում եմ, որ ծանոթ եմ։ Այս մտքերն այնպես էին պաշարել ինձ դոկտոր Ստրոնգի վարժարանը մտնելուս օրը, որ չէի համարձակվում աչք բարձրացնել կամ թե շարժվել և նոր ընկերներիցս մեկի կամ մյուսի մոտենալուց սոսկում էի։ Հենց որ դասերը վերջացան, շտապով տուն փախա, որպեսզի նրանց միամիտ հարցումներին պատասխանելիս որևէ կերպ չխայտառակեմ ինքս ինձ։

Սակայն մր․ Ուիկֆիլդի հին տունն այնպես ամոքիչ էր, որ դասագրքերը թևիս տակ բռնած նրա դուռը բախելուս պես սրտիս աղմուկն սկսեց քիչ֊քիչ հանդարտվել։ Եվ երբ սենյակս բարձրացա, սանդուղքի բազիրքի ստվերը կարծես թե իմ կասկածներն ու երկյուղը փարատեց և ամբողջ անցյալս մի անթափանց մշուշով ծածկեց։ Ես մինչև ժամը հինգը նստեցի, եռանդով սկսեցի դասերս սովորել (դպրոցից տուն էինք գալիս երեքին), հետո ներքև իջա լի հույսով, թե մի օր գոնե միջակ աշակերտ կդառնամ։

Ագնեսը դահլիճում նստած սպասում էր հորը, որ դեռ գրասենյակից դուրս չէր եկել։ Նա սիրալիր ժպիտով ողջունեց ինձ և հարցրեց, թե պանսիոնն ինչպե՞ս դուր եկավ ինձ։ Պատասխանեցի, թե շուտով անշուշտ դուր կգա, միայն թե սկզբում փոքր֊ինչ օտար է երևում ինձ։

― Իսկ դուք երբեք պանսիոնում չե՞ք սովորել, ― հարցրի ես։

― Ինչպես չէ։ Ամեն օր էլ սովորում եմ։

― Գիտեմ, որ սովորում եք, բայց տանը, և ոչ թե պանսիոնում։

― Ալո՛, տանը։ Հայրիկս չի կարող բաժանվել ինձնից, ― ավելացրեց նա ժպտալով։ ― Գիտե՞ք, նրա տնարարը միշտ պարտավոր է տանը լինել։

― Հավատացած եմ, որ նա ձեզ շատ է սիրում, ― ասացի ես։

Ագնեսը «այո» ասաց և դռանը մոտեցավ՝ ականջ դնելու՝ հայրը գալի՞ս է, թե ոչ, որովհետև միշտ սովոր էր բարևել նրան սանդուղքի վրա։ Սակայան տեսնելով, որ չի գալիս, վերադարձավ դեպի ինձ։

― Մայրիկս վախճամվել է իմ աշխարհ գալու րոպեին, ― ասաց նա մեղմ ձայնով։ ― Ես միայն այն պատճառով եմ ճանաչում նրան, որ կախված է ներքևի սրահում։ Նկատեցի, որ դուք երեկ դիտում էիք նրան։ Արդյոք գուշակեցի՞ք, թե ո՞ւմ պատկերն է։

Պատասխանեցի, թե այո, որովհետև պատկերը իրեն շատ էր նման։

― Հայրիկս էլ այդպես է ասում, ― ասաց Ագնեսը գոհ ժպիտով։ ― Սուս։ Ահա գալիս է։

Աղջկա պարկեշտ դեմքը զվարթացավ, երբ նա հորը դիմավորելու վազեց, և նրանք ձեռք֊ձեռքի տված ներս մտան։ Հայրը սիրով ողջունեց ինձ և ասաց, թե ես անշուշտ բախտավոր կլինեմ դոկտոր Ստրոնգի խնամքի տակ, որովհետև նա վերին աստիճանի ազնիվ մարդ է։

― Չգիտեմ, գուցե ոմանք նրա բարությունը դեպի չարը գործ դնեն, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Բայց դուք, Տրոտուդ, այդպիսիների օրինակին մի՛ հետևեք, նրանց նման մի՛ վարվեք։ Դոկտոր Ստրոնգի պես դյուրահավատ մարդ սակավ գտնվի աշխարհում։ Չեմ ասում, թե այս հատկությունը արժանիք է կամ թուլություն, բայց համենայն դեպս դոկտոր Ստրոնգի հետ գործ ունենալիս, անհրաժեշտ է, այս հանգամանքն ի նկատի առնել։

Մր․ Ուիկֆիլդը կարծես մի տեսակ դժգոհության կամ ձանձրույթի եղանակով արտասանեց իր խոսքերը, բայց ես այդ մասին մտածելու ժամանակ չունեցա․ ճաշն արդեն պատրաստ էր․ մենք ներքև իջանք և առաջվա տեղերս բռնեցինք։

Հենց որ նստեցինք, Ուրիաս Հիպի շեկ գլուխն ու վտիտ ձեռքերը երևացին դռան մեջ և նա ասաց․

― Մր․ Մելդընը կամենում է մի երկու խոսք ասել ձեզ, սըր։

― Չէ՞ որ այս րոպեիս ազատվեցի մր․ Մելդընից, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։

― Այո՛, սըր, ― պատասխանեց Ուրիասը, ― բայց մր․ Մելդընը ետ է եկել և ուզում է դարձյալ մի երկու խոսք ասել ձեզ։

Դուռը կիսաբաց բռնելիս Ուրիասը նայում էր ինձ, նայում էր Ագնեսին, նայում էր կերակուրներին, նայում էր պնակներին, նայում էր ամեն բանի, ինչ որ կար սենյակում, բայց այնպես, որ կարծես ոչ մի բանի չէր նայում, այլ միայն պատկառանքով տիրոջն է դիտում իր կարմիր աչքերով։

― Խնդրեմ, ներեցեք, ― ասաց մեկը, Ուրիասի գլուխը մի կողմ հրելով և նրա տեղը իրենն առաջ տնկելով։ ― Խնդրեմ ներեցեք, որ նեղություն եմ տալիս․․․ Բայց որովհետև ոչ մի ուրիշ ելք չկա, ուրեմն քանի վաղ գնամ արտասահման, այնքան լավ։ Սակայն այս մասին խոսելիս Աննին հայտնեց, թե ավելի կուզենար հայրենիքում մնացած տեսնել իր մտերիմներին, քան աքսորված, և ծեր դոկտորը․․․

― Դոկտոր Ստրոնգը, ուզում եք ասել, ― ընդհատեց նրան մր․ Ուիկֆիլդը ծանրությամբ։

― Թող այդպես լինի, ― ասաց մյուսը։ ― Ես նրան սովորաբար ծեր դոկտոր եմ անվանում, և դուք գիտեք, որ այս միևնույն է։

― Ես այդ չգիտեմ, ― պատասխանեց մր․ Ուիկֆիլդը։

― Դե լավ, դոկտոր Ստրոնգն էլ բոլորովին համամիտ է Աննիին։ Սակայն իմացա, որ ձեր շնորհիվ միտքը փոխել է։ Եթե այդպես է, էլ ասելու բան չունեմ․ ինձ պետք է հեռանալ, և որքան շուտ, այնքան լավ։ Այդ պատճառով եկել եմ հայտնելու, թե քանի վաղ գնամ, այնքան լավ։ Եթե անհրաժեշտ է ջուրն ընկնել, էլ ավելորդ է կամրջի վրա մտմտալով սպասել։

― Իրավ, որ մտմտալու կարիք չկա, մր․ Մելդըն, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Որքան շուտ, այնքան լավ։

― Շնորհակալ եմ, ― ասաց մյուսը։ ― Մեծ շնորհ եք անում ինձ։ Ընծայված ձիու ատամներին չեն նայում, անվայել է․ եթե ոչ՝ ես կասեի, թե Աննին կարող էր մի ուրիշ ընթացք տալ գործին։ Ըստ իս բավական է, որ Աննին մի խոսք ասի ձեր դոկտորին, որպեսզի․․․

― Ուզում եք ասել՝ բավական է, որ մրս․ Ստրոնգը մի խոսք ասի իր ամուսնուն․․․ չէ՞, ― նկատեց մր․ Ուիկֆիլդը։

― Իսկ և իսկ, ― պատասխանեց մր․ Մելդընը։ ― Բավական է, որ Աննին իր մարդուն ասի, թե կամենում եմ, որ այսինչ բանն այսպես լինի, և հավատացած եղեք, որ միշտ այնպես էլ կլինի։

― Եվ ինչո՞ւ եք կարծում, թե ճիշտ այնպես կլինի, մր․ Մելդոն, ― հարցրեց մր․ Ուիկֆիլդը, ճաշը հանգիստ շարունակելով։

― Է՜հ, որովհետև Աննին սիրուն ջահել կին է, իսկ ծեր դոկտորը․․․ այսինքն՝ դոկտոր Ստրոնգը, այլևս սիրուն երիտասարդ չէ, ― ասաց մր․ Մելդընը ծիծաղելով։ ― Չեմ ուզում ոչ ոքի վիրավորել, մր․ Ուիկֆիլդ, այլ միայն կարծում եմ, թե այս տեսակ ամուսնությունների մեջ արդարությունը կպահանջի, որ մի կողմը հատուցում ստանա։

― Հատուցում ստանա կի՞նը, ― հարցրեց մր․ Ուիկֆիլդը։

― Հարկավ կինը, սըր, ― պատասխանեց մր․ Մելդընը։ Սակայն տեսնելով, որ մր․ Ուիկֆիլդը դարձյալ հանգիստ շարունակում է ճաշ ուտել և մտադիր չի գրգռվել, շարունակեց․

― Այժմ, սըր, իմ միտքը ձեզ հայտնի է, և ես վերստին ներողություն եմ խնդրում ձեզնից։ Ես անշուշտ ձեր հրահանգին կհետևեմ և հուսով եմ, որ այս գործը բացառապես ձեր և իմ մեջ կվերջանա՝ առանց դոկտորին որևէ բան հայտնելու։

― Դուք ճաշե՞լ եք, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, հրավերի նշան անելով։

― Շատ շնորհակալ եմ, ― ասաց մր․ Մելդընը։ ― Այսօր ես Աննիի հետ պիտի ճաշեմ։ Մնաք բարով։

Մր․ Ուիկֆիլդը առանց վերկենալու մտախոհ նայեց հեռացողի հետևից։ Ջոն Մելդընը թեև մի գեղեցկադեմ, բայց դատարկ տղա թվաց ինձ․ նա լեզվանի էր, համարձակ ու պնդերես։ Առաջին անգամ էի տեսնում նրան։ Երբ առավոտյան դոկտոր Ստրոնգը մր․ Ջոն Մելդընի մասին էր խոսում, մտքովս էլ չէր անցել, թե հենց նույն օրը կտեսնեմ նրան։

Ճաշից հետո գնացինք վերևի դահլիճը, ուր նույնությամբ կրկնվեց, ինչ֊որ եղել էր մի օր առաջ։ Ագնեսը դարձյալ մի շիշ գինի ու բաժակ դրեց միևնույն անկյունի սեղանի վրա, մեկ նստում էր նրա կողքին, մեկ խոսում էր ու գործում և մեկ ինձ հետ դոմինո խաղում։ Որոշված ժամին նա թեյ պատրաստեց և հետո, երբ ես գրքերս ներքև դրի, բոլորն էլ աչքի անցրեց և ցույց տվեց, թե այդ գրքերից ի՞նչ գիտի (տեսա, որ իր ասածից շատ ավելի բան գիտի), և դաս սովորելու ամենալավ եղանակը բացատրեց։ Այս տողերը գրելիս տեսնում եմ նրա շնորհալի, համեստ ու հեզիկ ձևերը և լսում գողտրիկ ձայնը։ Արդեն գուշակում եմ այն բարերար ազդեցությունը, որ պիտի անի հոգուս վրա։ Ես սիրում եմ փոքրիկ Էմլիին և չեմ սիրում Ագնեսին․․․ ոչ․ ուրիշ տեսակ է սրտիս հակումը դեպի նա․․․ սակայն զգում եմ, որ ուր որ Ագնեսն է, այնտեղ էլ բարություն, խաղաղություն, ճշմարտություն կա, և որ մի ժամանակ իմ տեսած եկեղեցու նկարեն պատուհանի քաղցրիկ լույսը միշտ շողում է նրա վրա, ինչպես և իմ վրա, երբ նրա հետ միասին եմ լինում, և բոլոր շրջակա իրերի վրա։

Քնելու ժամը հասած լինելով, նա հորը համբուրեց ու հեռացավ․ ես էլ արդեն աջս էի մեկնել մր․ Ուիկֆիլդին բարի գիշեր ասելու, բայց նա ինձ ետ պահեց և հարցրեց․

― Կուզեի՞ք, Տրոտուդ, մեզ մոտ մնալ, թե՞ մի ուրիշի տանն ապրել։

― Ձեզ մոտ մնալ, ― պատասխանեցի ես իսկույն։

― Իրա՞վ։

― Եթե միայն թույլ տաք։ Եթե ձեզ հաճելի թվա։

― Սակայն, սիրելիս, գուղե մեր վարած կյանքը շատ ձանձրալի թվա քեզ։

― Հավատացեք, սըր, որ ինձ այս կյանքը ավելի ձանձրալի չի երևա, քան Ագնեսին։

― Քան Ագնեսին, ― կրկնեց նա, հանդարտ մոտենալով վառարանին ու նրան հենվելով։ ― Քան Ագնեսի՜ն։

Այդ երեկո մր․ Ուիկֆիլդը այնքան շատ էր գինի խմել (գոնե ինձ այդպես թվաց), որ աչքերն արյունով էին լցվել։ Այս ես փոքր֊ինչ առաջ էի նկատել, իսկ այժմ չէի տեսնում, որովհետև նա աչքերը խոնարհել էր ու ձեռքով ծածկել։

― Կուզեի իմանալ, ― մրմնջաց նա, ― մի՞թե Ագնեսին ձանձրալի է ինձ հետ ապրել։ Օ՜հ, իսկ ես երբեք չեմ ձանձրանում նրանից։ Բայց իմ բանն ուրիշ է, բոլորովին ուրիշ։

Նա ինքն իրեն էր մտմտում՝ առանց ինձ դիմելու, ուստի ես լուռ մնացի։

― Այո՛, մի հինավուրց տխուր տուն է իմ տունը և մեր կյանքը՝ միակերպ, ― ասաց նա, ― բայց և այնպես Ագնեսն իմ մոտ պիտի մնա, և ոչ ուրիշ տեղ։ Ես չեմ կարող առանց նրան ապրել։ Իսկ եթե մեռնե՞մ և նա որբանա, և կամ նա մեռնի և ես որբանա՞մ․․․ Օ՜հ, այս միտքը մի սոսկալի ճիվաղի պես կյանքիս ամենաերջանիկ րոպեները վրդովում է, և ես չեմ կարող մի ուրիշ բանով հալածել նրան, բացի միայն․․․

Նա չավարտեց խոսքը, այլ ծանրաքայլ մոտենալով սեղանին, դատարկ շշից մեքենայաբար գինի ածելու շարժում արեց, շիշը նորից տեղը դրեց և սկսեց սենյակում ման գալ։

― Եթե ես չեմ կարող այս մտքին դիմանալ, մինչ Ագնեսը դեռ այստեղ է, ― ասաց նա, ― ուրեմն ի՞նչ կլինի վիճակս, երբ նա ինձնից հեռանա։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Երբեք չեմ հոժարի այդ բանին։

Նա նորից վառարանին հենվեց և մտքերի մեջ սուզվեց։

Չգիտեի արդյոք գնա՞մ, թե՞ լուռ սպասեմ, մինչև որ սթափվի։ Վերջապես նա ուշքի եկավ և աչքերը չորս կողմը պտտեցնելիս ինձ նկատեց։

― Ուրեմն մեզ մոտ կմնաս, չէ՞, Տրոտուդ, ― ասաց նա սովորական եղանակով, կարծես թե որևէ հարցիս անմիջապես պատասխան տալով։ ― Մնա, մնա, շատ ուրախ եմ։ Դու մեզ երկուսիս էլ ընկերակից կլինես։ Այդ ինձ համար օգտակար կլինի, Ագնեսի համար էլ օգտակար, բոլորիս համար էլ օգտակար։

― Եվ մանավանդ ինձ համար, սըր, ― ասացի ես։ ― Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ։

― Լավ տղա ես, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Եթե գոհ ես իմ և Ագնեսի ընկերությունից, կա՛ց մեզ մոտ, ինչքան որ սիրտդ կամենա։

Այս ասելով ձեռք մեկնեց ինձ և ուսս թոթվեց։ Եվ ի վերջո ավելացրեց․

― Ագնեսին բարի գիշեր ասելուց հետո, ես գնում եմ գրասենյակս։ Եթե կամենաս, դու էլ կարող ես միշտ այնտեղ գալ, պարապել, կարդալ և կամ նստել․ դրանով ինձ ամենևին չես խանգարի։

Շնորհակալ եղա և գրքերս առնելով նրա հետևից ներքև իջա մի կես ժամ կարդալու համար․ դեռ քունս չէր տանում։

Սակայն աշտարակի կլոր սենյակում լույս տեսնելով և անմիջապես Ուրիաս Հիպի մերձավորությունը զգալով, որ մի թովչական ուժով քաշում էր ինձ, ես քայլերս ակամա դեպի այն կողմ ուղղեցի։ Ուրիասը ուշի֊ուշով մի ահագին գիրք էր կարդում և կարդալիս իր վտիտ ցուցամատը մի տողից դեպի մյուսը մանածում և թերթերի վրա մածուցիկ հետքեր թողնում (գոնե ինձ այդպես թվաց), կարծես թե նրա մատը մի լորդու լիներ։

― Դեռ պարապո՞ւմ եք այս ուշ ժամին, Ուրիաս, ― ասացի ես։

― Այո՛, մաստր Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Ուրիասը։

Ավելի հարմար խոսելու համար, նրա դիմացի աթոռին նստեցի և նկատեցի, որ նրա երեսը բնավ ժպտալու շնորհ չունի․ ժպիտի փոխարեն, երբ շուրթերը բաց էր անում, միայն երկու խոր խաչքեր էին առաջ գալիս այտերի վրա։

― Այժմ զբաղմունքիս առարկան գրասենյակի գործ չէ։

― Հապա ի՞նչ է։

― Աշխատում եմ օրենքների գիտությունը ձեռք բերել և այժմ Տիդդի «Գործնական հրահանգներն» եմ ուսումնասիրում։ Օ՜հ, ի՜նչ սքանչելի հեղինակ է այս Տիդդը, մաստր Կոպպերֆիլդ։

Այս ջերմ բացականչությունից հետո, Ուրիասը շարունակեց կարդալ, առաջվա պես ցուցամատը մանածելով։ Ես նրան իմ աթոռից դիտում էի և նկատեցի, որ նրա բարակ ու շարժուն ռունգերը սաստիկ բացվելու և սեղմվելու ունակություն ունեին, և նա ռունգերն է թարթում՝ փոխանակ աչքերը, որոնք գրեթե անքթիթ էին։

― Դուք երևի շատ հմուտ իրավաբան եք, մր․ Հիպ, ― ասացի ես, նրան երկար դիտելուց հետո։

― Ե՞ս, մաստր Կոպպերֆիլդ։ Օ՜հ, ոչ․ ես մի չնչին արարած եմ։

Արդեն ասել եմ, թե ինչ զզվելի տպավորություն էր թողնում վրաս նրա ձեռքի շոշափումը։ Այժմ տեսա, որ նա իր թաթերը շարունակ իրար է շփում, կարծես թե կամենալով տաքացնել ու չորացնել, և թաքուն սրբում է թաշկինակով։

― Ես լավ գիտեմ, որ մի խոնարհ, չնչին մարդ եմ, ― ասաց Ուրիասը համեստաբար։ ― Թող ուրիշները որքան ուզեն բարձրանան․ ես այդպիսի ձգտում չունեմ։ Իմ մայրն էլ մի շատ խոնարհ պառավ է։ Մենք ապրում ենք մի շատ անշուք տնակում, բայց սրտով գոհ ենք, մաստր Կոպպերֆիլդ, և գիտենք շնորհակալ լինել։ Հայրս էլ մի համեստ արհեստավոր էր՝ դիաթաղ։

― Իսկ այժմ ի՞նչ է։

― Այժմ հայրս Աբրահամի գոգումն է, մաստր Կոպպերֆիլդ։ Այո՛, գիտենք շնորհակալ լինել, և փառք աստծու, որ մր․ Ուիկֆիլդի մոտ ծառայելու բախտ ունեմ։

― Վաղո՞ւց է, որ նրա մոտ եք, մր․ Հիպ։

― Ահա արդեն չորս տարի է, որ նրա մոտ եմ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա, կարդացած տեղի վրա նշան դնելով ու գիրքը ծածկելով։ ― Հորս մահից ճիշտ մի տարի հետո էր, որ մր․ Ուիկֆիլդը իր գրասենյակն ընդունեց ինձ։ Օ՜հ, որքան երախտապարտ եմ բարերարիս, որքա՜ն շնորհակալ, որ նա հնարավորություն է տալիս մեր օրենքներն ուսանելու։ Առանց մր․ Ուիկֆիլդի մարդասիրական օգնության՝ ես չէի կարող այս օրենքներն ուսանել մորս ու իմ շատ չափավոր միջոցներով։

― Ուրեմն այդ օրենքներն ուսանելուց հետո փաստաբան կդառնաք, անշուշտ, ― ասացի ես։

― Աստծու ողորմությամբ, մաստր Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Ուրիասը։ ― Եթե տերը կամենա։

― Եվ գուցե մի օր մր․ Ուիկֆիլդին ընկերանաք, ― շարունակեցի ես, կամենալով մի հաճելի բան ասել նրան։ ― Եվ այն ժամանակ ցուցանակի վրա «Ուիկֆիլդ և Հիպ» կգրվի և կամ թե «Հիպ, Ուիկֆիլդի հաջորդը»։

― Օ՜հ, ո՛չ, մաստր Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Ուրիասը։ ― Ես ո՜ւր, մր․ Ուիկֆիլդն ուր։ Ես մի շատ չնչին մարդ եմ։

Այս ասելիս նա գլուխը շարժեց և ճակատի տակից խոնարհաբար ինձ նայեց, լայն բերանի երկու կողմի խորշոմները ցույց տալով։

― Մր․ Ուիկֆիլդը պատվական մարդ է, մաստեր Կոպպերֆիլդ, ― ասաց Ուրիասը։ ― Եթե վաղուց եք ճանաչում նրան, ուրեմն գիտեք, թե ինչ մարդ է։

Պատասխանեցի, թե հավաստի եմ, որ մր․ Ուիկֆիլդը լավ մարդ է, և թեպետ նոր եմ ճանաչում նրան, սակայն տատս նրա վաղեմի բարեկամն է։

― Օ՜հ, իրա՞վ եք ասում, մաստր Կոպպերֆիլդ, ― գոչեց Ուրիասը։ ― Ձեր տատը մի շատ հարգելի տիկին է, մաստր Կոպպերֆիլդ։

Ուրիաս Հիպը մի պժգալի սովորություն ուներ գալարվելու ու կծկվելու ոգևորության ժամանակ։ Այս անգամ ես ուշք չդարձրի նրա վզի օձապտույտ շարժումներին, ուստի և չլսեցի, թե ի՞նչ գովազդ ընծայեց տատիս։

― Շատ պատվելի ու մեծարգո տիկին է, ― շարունակեց Ուրիասը։ ― Եվ կարծեմ շատ է սիրում Ագնեսին։ Չէ՞, մաստր Կոպպերֆիլդ։

― Անշուշտ, ― ասացի ես համարձակ, թեև, ուղիղն ասեմ, այդ մասին ոչինչ չգիտեի։

― Հարկավ դուք էլ, մաստր Կոպպերֆիլդ, պաշտում եք նրան։ Ես հավաստի եմ, որ այդպես է։

― Ո՞վ կարող է չպաշտել նրան, ― ասացի ես։

― Օ՜հ, շնորհակալ եմ, մաստր Կոպպերֆիլդ, շնորհակալ եմ այդ խոսքերի համար։ Ես թեպետ մի չնչին էակ եմ, բայց հասկանում եմ, որ ձեր ասածը ճշմարիտ է։ Իրավ, ո՞վ կարող է չպաշտել նրան։ Շատ շնորհակալ եմ, մաստր Կոպպերֆիլդ։

Եռանդի սաստկությունից կարկամելով ու ծամածռվելով, Ուրիաս Հիպը բարձր աթոռից արագությամբ ներքև սողաց և սկսեց տուն գնալու պատրաստվել։

― Մայրս անշուշտ սպասում է ինձ, ― ասաց նա իր անփայլ ժամացույցին նայելով, ― և գուցե արդեն անհանգիստ է։ Մայրս և ես թեև չնչին ու փանաքի մարդիկ ենք, մաստր Կոպպերֆիլդ, սակայն շատ սիրով ենք իրար հետ։ Եթե մի երեկո շնորհ անեիք մեր համեստ խրճիթը տեսնելու և մեզ մոտ մի բաժակ թեյ ընդունելու, ձեր այցելությունը մեծ պատիվ կբերեր մորս, ինչպես և ինձ, մաստր Կոպպերֆիլդ։

Պատասխանեցի, թե ուրախությամբ կայցելեմ։

― Ա՜հ, անչափ շնորհակալ եմ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց Ուրիասը, գիրքը դարակի վրա դնելով։ ― Դուք դեռ մի քանի ժամանակ այստեղ կմնաք, չէ՞, մաստր Կոպպերֆիլդ։

Ասացի, թե այնքան կմնամ, ինչքան որ ուսանելու լինեմ պանսիոնում։

― Այդպես է հա՞, ― գոչեց Ուրիասը։ ― Ուրեմն շատ հավանական է, մաստր Կոպպերֆիլդ, որ վերջ ի վերջո դուք դառնաք մր․ Ուիկֆիլդի ընկերը։

Աշխատեցի հավատացնել, թե մտքովս անգամ այդպիսի բան չի անցել, ոչ ոք էլ ապագայիս վերաբերմամբ այդպիսի բան չի մտածել, բայց Ուրիասը միշտ իրենն էր պնդում քծնելով։

― Այո՛, այո՛, մաստր Կոպպերֆիլդ, այս հաստատ է։ Անպատճառ այդպես կլինի․ արևս վկա, այդպես կլինի։

Ամեն բան հավաքելուց հետո նա վերջապես հարցրեց․

― Կարո՞ղ եմ մոմը հանգցնել, մաստր Կոպպերֆիլդ։

― Հարկավ։

Ուրիաս Հիպը մոմը մարեց և մնաս բարով ասելով ձեռքս սեղմեց։ Այս վայրկյանին (մթության մեջ) կարծեցի թե ձուկ եմ շոշափում։ Այնուհետև նա դուռը բաց արեց և դուրս սահեց, իսկ ես, խավարի մեջ մենակ խարխափելիս, նրա աթոռը շուռ տվի և հազիվ կարողացա իմ սենյակը բարձրանալ։ Գուցե այս էր պատճառը, որ մինչև գիշերվա կեսը երազիս մեջ տեսնում էի Հիպին, որ իբրև մի ծովահեն հափշտակել է մր․ Պեգգոտիի նավատունը, մի սև դրոշակ կապել կայմին «Տիդդի հրահանգները» վերնագրով և այդ դիվային նշանի տակ ինձ ու Էմլիին փախցրել՝ երկուսիս էլ սպանիական ծովում խեղդելու համար։

Երբ հետևյալ առավոտյան ուսումնարան գնացի, տագնապս արդեն նվազել էր․ մի օրից հետո՝ ավելի սիրտ առա, երրորդ օրն՝ ավելի, իսկ երկու շաբաթ անցնելուց հետո՝ բոլորովին ընտելացա ընկերներիս և երջանիկ էի նրանց շրջանում։ Ճշմարիտ է, որ խաղերի մեջ դեռ բավական ճարպիկ չէի և ուսման մեջ շատ ետ էի, սակայն հույս ունեի, թե առաջին թերությունս վարժությամբ կուղղեմ, իսկ երկրորդը՝ հարատև ջանքով։ Եվ այսպես՝ սկսեցի անդուլ փութով աշխատել, որ թե՛ զբոսանքների, թե՛ ուսման մեջ առաջ գնամ, և շատ չանցած ամենքի հավանության արժանացա։ Փոքր֊ինչ հետո՝ Մեորդստոնի ու Գրիմբիի մոտ վարած կյանքս արդեն երազի պես օտարոտի էր թվում ինձ, մինչ ներկայիս կյանքն այն աստիճան ընտանի էր, որ կարծես վաղուց եմ այսպես ապրում։

Դոկտոր Ստրոնգի պանսիոնը մի պատվական դպրոց էր և այնքան տարբեր մր․ Կրիկլի պանսիոնից, ինչքան որ բարին չարից։ Դոկտոր Ստրոնգի պանսիոնը կառավարվում էր մի բարեկարգ, իմաստուն ու վայելուչ սիստեմով։ Տեսուչը ամեն բանում հավատ էր ընծայում աշակերտների ազնվության, պատվազգացության և դրա վրա հիմնում իր վստահությունը։ Տղաներն էլ հետամուտ էին անարժան չհանդիսանալ վեհանձն տեսչի հավատարմության, և այս եղանակը հրաշք էր գործում։ Բոլորս զգում էինք, որ մասն ունենք դպրոցի ներքին վարչության մեջ, և մեր կողմից ճիգ թափում բարձր պահելու նրա լավ համբավն ու վարկը։ Այս պատճառով մենք սրտանց սիրում էինք նրան, պարծենում էինք նրանով (գոնե ես այդպես էի անում և կարող եմ վկայել՝ տղա չկար, որ նույնը չաներ) և ձգտում հոժար կամքով ուսանել, որպեսզի պատիվ բերենք նրա անվան։ Մեր բոլոր խաղերը թե՛ դպրոցում, թե՛ դրսում միանգամայն ազատ էին, բայց և այնպես քաղաքի մեջ բարի համբավ ունեինք, և երբեք չէր պատահում, որ մեզնից գեթ մեկը իր ընթացքով կամ վարքով դոկտոր Ստրոնգին ամաչելու տեղիք տար։

Ավագ աշակերտներից մի քանիսը գիշերօթիկ էին դոկտորի տանը, և ահա նրանք էին, որ մտերմաբար մի քանի տեղեկություն հաղորդեցին ինձ նրա մասնավոր կյանքի մասին։ Դոկտորն ամուսնացել էր իմ գալուց մի տարի առաջ այն գեղեցիկ ջահել կնոջ հետ, որին տեսել էի գրասենյակում, և ամուսնացել սիրելով, որովհետև կինը մի պեննի անգամ չէր ունեցել, մինչդեռ ունի չքավոր ազգականների մի ամբողջ երամ, որոնք պատրաստ են ասպատակել դոկտորին և նրան տանից դուրս քշել։ Դոկտորի մտածկոտ տրամադրության պատճառը, ասացին ինձ, նրա որոնած հունական արմատներն են։ Ես միամտաբար կարծեցի, թե խոսքը դոկտոր Ստրոնգի բուսաբանական զբաղմունքների մասին է, որովհետև նա զբոսնելիս սովոր էր միշտ վար նայել․ հետո միայն իմացա, որ արմատ ասելով պետք է բառերի արմատները հասկանալ, որ հավաքում էր մի նոր բառարան կազմելու համար։ Մեր դասարանի առաջին աշակերտ, քաջ թվաբան Էդեմսը մինչև անգամ հաշվել էր, թե այս երկը իսկապես ե՞րբ պատրաստ կլինի։ Նրա ասելով բառարանը պիտի վերջանար հազար վեց հարյուր քառասուն ինը տարուց հետո, հաշվը սկսելով դոկտորի ծննդյան վաթսուն և երկրորդ տարեդարձից, որ դեռ նոր էր լրացել։

Ինչևէ, դոկտորը ամբողջ դպրոցի պաշտելին էր, նա մարմնացյալ բարություն էր և այն աստիճանի վստահելի ու պարզամիտ, որ այս հատկությամբ կարող էր անգամ պարսպի վրա գտնվող սափորների քարե սրտերը շարժել։ Երբ նա իր պարտեզում ետ ու առաջ էր ման գալիս, ― մինչ ցանկապատի վրա նստոտած խորամանկ ագռավներն ու կաչաղակները գլուխները մի կողմ ծռած նայում էին նրան, կարծես ցույց տալու, թե նրանից ավելի տեղյակ են այս աշխարհի բաներին, ― յուրաքանչյուր շրջմոլիկ կարող էր համարձակ մոտենալ նրան և մի հնարովի սրտաշարժ բան պատմելով առնվազն երկու օրվա սնունդի փող ճանկել նրանից։ Այս բանը այնքան հայտնի էր դպրոցում, որ վարժապետները և ավագ աշակերտները անդադար հետամուտ էին անկյուններից, պատուհանների և բակի մոտերքից հեռու քշելու այն խաբեբա էակներին, և շատ անգամ այս արշավանքը գրեթե դոկտորի քթի տակ էր կատարվում, և նա ոչինչ չէր նկատում։ Մի անգամ իր սահմանից անցնելուն և անպաշտպան մնալուն պես ՝ նա մի ոչխարի նման էր, որի բուրդը հենց առաջին փուչ կենդանին կարող էր խուզել։ Նա պատրաստ էր իր զանգապաններն անգամ հանել և ուրիշին տալ։ Եվ իրոք, մեր շրջանում պատմում էին, արդյոք ո՞ր ժամանակից և կամ ի՞նչ հեղինակության վրա հիմնվելով, չգիտեմ, սակայն այսօր էլ պատմությունն ինձ ճշմարիտ է թվում, ― թե դոկտորը մի ձմռան օր իր զանգապանները մի մուրացկան կնոջ է տալիս։ Մուրացիկն էլ այս պարգևի մեջ փաթաթելով իր մանկանը, սկսում է շրջել տնե տուն և ամբողջ թաղը զարմացնում, որովհետև դակտոր Ստրոնգի զանգապաններն ամենքին էլ նույնքան ծանոթ էին, որքան և մայր տաճարը։ Ավանդությունն ասում է, թե մի մարդ միայն չի կարողացել ճանաչել դրանք, և այդ մարդը հենց ինքը դոկտորն էր, որ մի քանի օր անցնելուց հետո նույն զանգապանները մի հասարակ կրպակի առջև տեսնելով, ուր այդպիսի իրերը մի բաժակ օղու հետ են փոխանակում, երկար ժամանակ դիտել է դրանք, հավանել է, և իր զանգապաններից ավելի սիրուն գտել։

Գորովալի էր տեսնելն դոկտորի վարմունքն իր կնոջ հետ։ Այս վարմունքի մեջ մի այնպիսի հայրական սեր ու գութ կար, որ դրանով արդեն կարելի էր նրա սրտի ազնվությունը ճանաչել։ Ես շատ անգամ տեսնում էի նրանց՝ պարտեզում միասին զբոսնելիս․ երբեմն էլ առիթ ունենում ավելի մոտիկից դիտել նրանց՝ գրասենյակում կամ դահլիճում։ Կինը կարծես շատ ուշադիր ու սիրալիր էր դեպի մարդը, սակայն չէր երևում, որ բառարանին մի վառ հետաքրքրություն ընծայեր, թեև դոկտորի գրպաններն ու գլխարկի աստառը միշտ լիքն էին այդ մեծ երկի հատվածներով, որոնց իմաստն աշխատում էր կնոջը մեկնել զբոսնելիս։

Ես հիմք ունեի միս Ստրոնգից գոհ լինելու՝ մեկ այն պատճառով, որ հենց առաջին տեսնելուց, նա սիրել էր ինձ և միշտ ուշադիր ու բարի էր դեպի ինձ․ երկրորդ, որ շատ սիրում էր Ագնեսին և շուտ֊շուտ գալիս նրան տեսնելու։ Սակայն նրա ու մր․ Ուիկֆիլդի հարաբերության մեջ մի տարօրինակ պաղություն կար, տիկինը կարծես վախենում ու քաշվում էր նրանից։ Երեկոները, մեր տանից հեռանալու ժամանակ, միշտ խորշում էր իմ տանտիրոջ ուղեկցությունն ընդունելուց և ինձ հետ էր դուրս փախչում։ Եվ շատ անգամ, մինչ զվարթ֊զվարթ շտապում էինք տեղ հասնել, աշխատելով, որ մեզ ոչ ոք չհանդիպի, հանկարծ որևէ անկյունից մր․ Մելդընն էր դուրս բուսնում և զարմանում մեզ տեսնելիս։

Մրս․ Ստրոնգի մայրիկը մի շատ զվարճալի տիկին էր։ Նրա անունը մրս․ Մարկհլեմ էր, բայց մեր աշակերտները սովոր էին Հին Զինվոր անվանել նրան ի հարգանս այն պատերազմական հանճարի, որով դոկտորի դեմ էր մղում իր ազգականների ստվար գունդը։ Նա մի կարճահասակ կին էր թափանցող աչքերով․ պճնվելիս միշտ միևնույն գլխանոցն էր հագմում, որ արհեստական ծաղիկներով էր զարդարված, ինչպես և դրանց շուրջը թռչկոտող երկու հատ արհեստական թիթեռներով։ Մեր մեջ զրույց կար, թե այս գլխանոցի հայրենիքը Ֆրանսիան է և թե նա անպատճառ ֆրանսիական ճարտար ազգի հնարագիտության արգասիքը կլինի, այլ ոչ թե անգլիացոց․ սակայն ինձ այս էր միայն ստույգ հայտնի, որ գլխանոցը միշտ այն երեկույթներումն էր հանդես գալիս, ուր մրս․ Մարկհլեմը ներկա էր․ որ նա միշտ մի հնդկական կողովի մեջ փաթաթված էր բերում, և որ թիթեռներն ընդունակ են ժրաջան մեղուների պես արագ֊արագ թրթռալ՝ մանավանդ այն րոպեներին, երբ տիկինը հետամտում էր մի բան որսալ դոկտորից։

Մի երեկո առիթ ունեցա լավ դիտելու Հին Զինվորին ― թող այս անունը քամահրանքով չհիշվի, ― և մի երեկո, որ ինձ համար անմոռանալի է մի միջադեպի պատճառով, որ և իսկույն պատմելու եմ։ Այդ երեկո դոկտորի տանը հրավերք կար և ի պատիվ մր․ Ջոն Մելդընի, որ Հնդկաստան պիտի մեկներ, կարծեմ զինվորի պաշտոնով։ Վերջ ի վերջո նա և մր․ Ուիկֆիլդը բանն այդպես էին կարգագրել։ Հենց այդ օրն էլ դոկտորի ծննդյան տարեդարձն էր։ Տոնի պատճառով դպրոցում դասեր չկային։ Առավոտյան մենք ընծաներ մատուցեցինք նրան․ Էդեմսը բոլորիս կողմից մի հանդիսավոր ճառ կարդաց, և մենք այնքան կեցցե գոռացինք, որ ձայներս խանձվեցին, իսկ դոկտորն արտասվեց։ Երեկոյան մր․ Ուիկֆիլդը, Ագնեսն ու ես թեյի գնացինք նրա մոտ, իբրև մտերիմ բարեկամներ։

Մր․ Ջոն Մելդընը արդեն այնտեղ էր․ մեր ներս մտնելու րոպեին մրս․ Ստրոնգը կարմիր ժապավեններով զարդարուն մի ձյունափայլ զգեստ հագած՝ դաշնամուր էր նվագում, իսկ մր․ Մելդընը նրա աթոռի մեջքին հենված՝ նոտաները շուռ տալու վրա էր։ Այս անգամ տիկնոջ դեմքի վարդագույն փայլը սովորականի պես պայծառ չէր․ այնուամենայնիվ նա գեղեցիկ էր, հիանալու չափ գեղեցիկ։

― Ա՜հ, դոկտոր, ― ասաց մրս․ Ստրոնգի մայրիկը, երբ նստեցինք։ ― Մոռացել էի, որ այսօր ձեր տարեդարձն է։ Խնդրեմ ընդունեցեք իմ սրտագին շնորհավորանքը։ Հավաստի եմ, որ խոսքերս մի հասարակ կոմպլիմենտ չեք համարի։ Ես սրտանց մաղթում եմ, որ շատ տարիներ երջանկությամբ արժանանաք այս օրվան։

― Շնորհակալ եմ, տիկին, ― պատասխանեց դոկտորը։

― Այո՛, շատ տարիներ, շատ և շատ, ― կրկնեց Զինվորը։ ― Ապրեք երկար տարինեեր ոչ միայն ձեր, այլև Աննիի և Ջոն Մելդընի և ուրիշ շատերի բարեբախտության համար։ Օ՜հ, աստված իմ, կարծես դեռ երեկ էր, Ջոն, որ դու մաստր Կոպպերֆիլդից էլ փոքր էիր և արդեն սեր էիր խոստովանում Աննիին, նրա հետ միասին թփերի տակ խաղալիս։

― Ա՜խ, մայրիկ, էլ մի հիշեք այդ բանը, ― ասաց մրս․ Ստրոնգը։

― Ինչո՞ւ չհիշեմ, սիրելի Աննի, ― գոչեց մայրը։ ― Դու երեխա չես, արդեն մի պառավ արամբի կին ես։ Եթե այժմ էլ այս լսելուց ամաչես, էլ ե՞րբ չպիտի ամաչես։

― Պառա՞վ, ― բացականչեց մր․ Ջոն Մելդընը։ ― Աննին պառա՞վ։

― Այո՛, Ջոն, ― պատասխանեց Զինվորը։ ― Մի պառավ արամբի կին։ Չեմ ասում, թե տարիքով է պառավ, այնքան ապուշ չեմ, որ քսան տարեկան աղջկան պառավ համարեմ, բայց քո մորաքրոջ աղջիկը դոկտոր Ստրոնգի ամուսինն է, և այս մտքով արժանի պառավ կոչվելու պատվին։ Եվ քեզ համար մեծ բախտ է, Ջոն, որ մորաքրոջդ աղջիկը դոկտորի կինն է։ Դոկտորը քեզ համար մի ազդեցիկ ու մտերիմ բարեկամ է, որ անշուշտ այսուհետև էլ չի դադարի քեզ թևարկու լինելուց, եթե միայն գիտենաս նրա սերը հարգել։ Ես սովոր չեմ զուր պարծենալ և առանց ամաչելու պարզ կասեմ, թե մեր գերդաստանի անդամներից շատերը պաշտպանի կարոտ են։ Կարոտներից մեկն էլ ահա դու էիր, քանի դեռ մորաքրոջ աղջկա շնորհիվ չէիր գտել այս հզոր պաշտպանին։

Դոկտոր Ստրոնգը սրտի բարությունից ձեռքը շարժեց վերջ տալու համար այս խոսակցությունը, որ արդեն ձանձրացնում էր մր․ Ջոն Մելդընին։ Բայց մրս․ Մակլհեմն իր աթոռը ավելի մոտեցրեց դոկտորին և հովհարի ծայրը նրա թևին դնելով, շարունակեց․

― Ո՛չ, ո՛չ, սիրելի դոկտոր․ մի արգելեք սրտիս զգացումն ազատորերն արտահայտել։ Ես չեմ կարող չարտահայտել այն բուռն զգացումը, որ արդեն մոլության է հասել։ Դուք մեզ համար մի երկնային օրհնություն եք։ Դուք մեր իսկական բարերարն եք։

― Ավելորդ խոսքեր են, ավելորդ, ― ասաց դոկտորը։

― Ո՛չ, ավելորդ չեն, կներեք, ― շարունակեց Հին Զինվորը։ ― Ես չեմ լռի, երբ այստեղ, բացի մեր պատվական մր․ Ուիկֆիլդից ոչ մի օտար մարդ չկա, որ բերանս փակի։ Ընդհակառակը, ես պատրաստ եմ զոքանչի իրավունք բանեցնելով, դեռ մի լավ հանդիմանություն անել ձեզ, եթե ասածներս չընդունեք։ Ես սրտաբաց և շիտակ կին եմ։ Եվ պիտի ասեմ, ինչ որ արդեն ասել եմ ձեզ մի անգամ․․․ Հիշո՞ւմ եք․․․ այն օրը, երբ զարմացրիք ինձ, իմ աղջկան ուզելով։ Հիշո՞ւմ եք, թե ո՞ր աստիճան զարմացա, ապշեցի ես այդ առաջարկը լսելիս։ Զարմանալին առաջարկը չէր․ դա մի շատ բնական բան է, և ծիծաղելի կլիներ, եթե ուրիշ կերպ մտածեի, ― այլ այն հանգամանքը, որ դուք Աննիի խեղճ հայրիկին դեռ այն օրից էիք ճանաչել, երբ Աննին վեցամսյա մանուկ էր։ Կարո՞ղ էի արդյոք երևակայել, թե մի օր նրա աղջկա ամուսինը կդառնաք և կամ․․․ մի ուրիշի ամուսինը, եթե կուզեք իմանալ։ Ահա այս էր զարմանալուս պատճառը։

Էհ, բավական է, բավական, ― ասաց դոկտորը զվարթ սրտով։ ― Էլ չհիշենք։

― Ո՛չ, ո՛չ, պիտի հիշեմ, ― ասաց Զինվորը, հովհարը նրա շրթունքին դնելով։ ― Այս բոլորը հիշում եմ և ամենքի առջև կրկնում, որպեսզի հերքեն ինձ, եթե ասածս սուտ է։ Այսպես ուրեմն, հենց որ առաջարկություն արիք, ես Աննիին կանչեցի և ամեն բան պատմեցի։ «Սիրելի Աննի, ― ասացի, ― դոկտոր Ստրոնգը այստեղ էր և առաջարկություն արեց, այսինքն՝ հանդիսավոր կերպով քեզ կնության ուզեց»։ Արդ հարցնում եմ ― խոսքերիս մեջ մի որևէ ճնշում կա՞ր։ Չկա՛ր։ Հետո ասացի․ «Պարզ ասա, սիրելի Աննի, արդյոք սիրտդ ազա՞տ է»։ ― «Մայրիկ, ― գոչեց նա լալով, ― ես դեռ այնքան երեխա եմ ― և այս լիովին ճշմարիտ էր ― որ չեմ իմանում, թե սիրտ ունեմ»։ ― «Եթե այդպես է, հոգյակ իմ, ― ասացի ես, ― կարող եմ վստահ լինել, որ սիրտդ ազատ է։ Համենայն դեպս, սիրելիս, ― ավելացրի ես, ― դոկտոր Ստրոնգը այն աստիճան վառված է, որ անհրաժեշտ է մի պատասխան տալ նրան։ Չի կարելի այս տագնապի մեջ թողնել նրան»։ ― «Մայրիկ, ― պատասխանեց Աննին, շարունակելով արտասվել, ― մի՞թե դոկտորն անբախտ կլինի առանց ինձ։ Եթե անբախտ պիտի լինի, ուրեմն հայտնեցեք, թե ես նրան այնքան հարգում ու պատվում եմ, որ պատրաստ եմ նրան մարդու գնալ»։ ― Այսպես էլ բանը վերջացավ։ Եվ ահա այն ժամանակն էր, և ոչ թե առաջ, որ ասացի Աննիին․ «Աննի, դստրիկ իմ, դոկտոր Ստրոնգը ո՛չ միայն ամուսինդ կլինի, այլև հանգուցյալ հորդ փոխանորդը։ Նա կլինի մեր տան մեծը․ նա կլինի մեր տոհմի իմաստության, կարող եմ ասել՝ և նյութական կարողության ամուր սյունը, ապավենը, մի խոսքով՝ մեր բոլորիս բարերարը»։ Այո՛, այս էր այն ժամանակ ասած խոսքս, որ այսօր էլ կրկնում եմ։ Ես մի հաստատամիտ կինարմատ եմ և իմ խոսքը ետ չեմ առնի։

Այս ճառի միջոցին աղջիկը հատակին նայելով լուռ նստած էր, իսկ մր․ Ջոն Մելդընը կանգնած էր կողքին, նմանապես ցած նայելով։ Ճառից հետո մրս․Ստրոնգը դողդոջ ձայնով արտասանեց․

― Վերջացրի՞ր, մայրիկ։

― Ո՛չ սիրելիս, չեմ վերջացրել, ― պատասխանեց Զինվորը։ ― Եվ որովհետև հարցնում ես, ես էլ կասեմ, հոգյակ իմ, դու փոքր֊ինչ անտարբեր էս բարեկամներիդ վերաբերմամբ, և որովհետև այս գանգատը քեզ հայտնելուց բան դուրս չի գա, շիտակ դիմում եմ ամուսնուդ։ Արդ, սիրելի դոկտոր Ստրոնգ, մի՛ մտիկ արեք ձեր հիմար կնկանը։

Երբ դոկոտորն իր ազնիվ ու միամիտ ժպիտով դեպի կինը շուռ եկավ, կինը գլուխն ավելի կախեց։ Ես նկատեցի, որ մր․ Ուիլֆիլդն ուշի֊ուշով նրան է դիտում։

― Անցյալ օրը, երբ պատահմամբ այս խենթին ասացի, ― շարունակեց մայրը, գլուխը շարժելով ու հովհարի ծայրը աղջկա կողմը դարձնելով, ― թե մի ընտանեկան գործ ունեմ, որ նա կարող էր, և, ըստ իս, պարտավոր էր մինչև անգամ ձեզ հայտնել, գիտե՞ք, ինչ պատասխանեց։ Պատասխանեց, թե չի հայտնի, խնդրածի պես կլինի, իսկ խնդրել չի ուզում, որովհետև դուք շատ բարի եք, և ինչ էլ խնդրի՝ կկատարեք։ Եվ այս անմիտ պատրվակով, ոչ մի բան չհայտնեց ձեզ։

― Արածդ լավ բան չի, սիրելի Աննի, ― ասաց դոկտորը։ ― Դու գիտես, որ ինձ համար ցանկությունդ կատարելը մի զվարճություն է։

― Ես էլ ճիշտ այդպես ասացի, ― վրա բերեց մայրը։ ― Եթե մյուս անգամ էլ քաշվի հայտնել քեզ, այն ժամանակ ես ինքս անձամբ ձեզ կդիմեմ, սիրելի դոկտոր։

― Շատ լավ կանեք, ― ասաց դոկտորը։

― Իրա՞վ։

― Անտարակույս։

― Ուրեմն անպատճառ ձեզ կդիմեմ, ― գոչեց Զինվորը։ ― Շնորհակալ եմ․ այս բանն արդեն պրծած է։

Կարծեմ իր նպատակին հասած լինելով, Զինվորը իր հովհարի ծայրը համբուրեց և դրանով մի քանի անգամ դոկտորի թևին խփելուց հետո՝ հանդիսավոր գնաց իր առաջվա տեղը նստեց։

Այդ միջոցին ուրիշ հյուրեր ներս մտան․ նրանց հետ եկան նաև երկու վարժապետներ և Էդեմսը։ Խոսակցությունն ընդհանուր դարձավ։ Դրա նյութերն էին մր․ Ջոն Մելդընը, նրա ուղևորությունը, նրա գնալու երկիրը, նրա զանազան դիտավորությունները և հույսերը։ Հենց նույն գիշեր, ընթրիքից հետո, նա պիտի կառքով մեկներ Գրեյվսենգ, ուր սպասում էր օվկիանոսային շոգենավը, և այդ նավով գնար Հեռավոր Արևելք ու շատ տարիներ այնտեղ մնար, եթե միայն արձակուրդի կամ հիվանդության պատճառով չստիպվեր վերադառնալ հայրենիք։ Որքան հիշում եմ, բոլորն էլ միաձայն վկայում էին, թե Հնդկաստանը կարծվածի չափ վատ երկիր չէ, և թե այնտեղ բացի երկու֊երեք վագրերից ու թեթև տոթից, այն էլ միայն կեսօրին, ոչ մի վտանգավոր բան չկա։ Ինձ մր․ Ջոն Մելդընը մի նոր Սինդբադ էր թվում, և ես արդեն երևակայում էի, թե ինչպես նա արևելյան ռաջաների հետ մտերմանալով, ամպհովանու մեջ բազմած՝ նրանց հետ միասին ոսկեզօծ նարգիլե է վայելում։

Մրս․ Ստրոնգը շատ լավ երգչուհի էր․ շատ անգամ լսել եմ նրա մենակ երգելը, սակայն այն երեկո՝ գուցե հասարակությունից քաշվելուց և կամ ձայնը տեղը չլինելուց՝ ամենևին բան չերգեց։ Մի անգամ փորձեց դուետ երգել իր մորաքրոջ որդու հետ, բայց բանը սկզբից դենը չգնաց․ իսկ հետո, երբ սկսեց մենակ երգել, սկզբում թեև քաղցր էր, սակայն հանկարծ կտրվեց, և տագնապած երգչուհին գլուխը դաշնամուրի ստեղների վրա խոնարհեց։ Բարի դոկտորն ասա, թե Աննիի ջղերը գրգռված են, և առաջարկեց, որ բոլորն էլ նրան զբաղեցնելու համար թուղթ խաղան, թեև ինքը այս բանին այնքան էր հմուտ, որքան ավագափող հնչեցնելուն։ Ես նկատեցի, որ Հին Զինվորը նրան անմիջապես իր պաշտպանության տակ դրեց, իբրև խաղակից, և դոկտորի ամբողջ արծաթը շատ չանցած քաջ զոքանչի գրպանը մտավ։

Խաղը շատ զվարճալի էր, մանավանդ դոկտորի կատարած սխալների պատճառով, որոնք, թիթեռների արթուն հսկողության հակառակ՝ անդադար կրկնվում էին։ Մրս․ Ստրոնգն իր թուլությունը պատճառ բռնելով խաղից հրաժարվեց, հրաժարվեց և մր․ Մելդընը, որովհետև պիտի գնար ճամփու համար մի քանի բան կապելու։ Կապելու բաները երևի շատ չէին, որ իսկույն վերադարձավ և մորաքրոջ աղջկա մոտ բազմոցի վրա նստելով, սկսեց նրա հետ կիսաձայն խոսել։ Տիկինը երբեմն վեր էր կենում և դոկտորին մոտենում՝ ցույց տալու նրան, թե ինչպես պետք է խաղալ։ Տիկինը շատ գունատ էր և կարտերը մատով ցույց տալիս կարծես դողում էր, բայց դոկտորը նրա ցույց տված ուշադրությամբ միանգամայն երջանիկ էր և ոչ մի բան չէր նկատում։

Ընթրիքի ժամանակ ընդհանուր զվարճությունն արդեն հատել էր։ Ամեն մարդ զգում էր, թե որքան անախորժ է այս տեսակ բաժանումը, և քանի հրաժեշտի րոպեն մոտենում էր, այնքան էլ հյուրերի տխրությունը սաստկանում էր։ Մր․ Մելդընը փորձեց խոսակցությունը վառ պահել, բայց հաջողություն չունեցավ, և այնպես փչացրեց գործը, որ Հին Զինվորն էլ չկարողացավ ուղղել իր անվերջ զրույցներով՝ մր․ Ջոնի պատանեկության օրերից։

Դոկտորը սակայն համոզված էր, որ իր ներկայությամբ երջանկացնում է ամենքին։ Նա շատ գոհ էր, կարծելով, թե մենք էլ գոհ ու զվարթ ենք։

― Աննի, հոգյակ իմ, ― ասաց նա ժամացույցին նայելով և իր բաժակը լցնելով, ― ահա և Ջոնի մեկնելու ժամը հասել է, և մենք նրան չենք բռնի, որովհետև ժամանակն ու ծովի խաղացքը ոչ ոքի չեն սպասում։ Մր․ Ջոն Մելդըն, ձեր առջև մի երկար ճանապարհ կա և մի հեռավոր օտար երկիր, սակայն շատերն են այդպիսի ճանապարհ կտրել և պիտի կտրեն մինչև աշխարհի վախճանը։ Այն հողմերը, որոնց հետ մաքառելու եք, բախտի են հասցրել բյուրավոր մարդկանց և բյուրերին երջանիկ վերադարձրել դեպի տուն։

― Սակայն ո՛ր կետից էլ բանի վրա նայենք, ― ասաց մրս․ Մարկլհեմը, ― չի կարելի չհուզվել, երբ մի պատվական երիտասարդ, որին մանկությունից ճանաչել ենք, հանկարծ աշխարհի մյուս ծայրն է գնում, թողնելով ամենքին, որոնց սիրել է, անտեղյակ այն բոլորին, ինչ֊որ գտնելու է օտար աշխարհում։ Մի այսպիսի զոհաբերություն անող երիտասարդն արդարև պաշտպանության և օգնության արժանի է, ― հարեց նա, շեշտակի դոկտորին նայելով։

― Ժամանակն արդարև է, մր․ Մելդըն, ― շարունակեց դոկտորը, ― և իրերի բնական ընթացքին նայելով՝ մեզնից ոմանք հազիվ թե արժանանան կրկին ձեր տեսությանը։ Սակայն լավ է հուսով ապրել, և ես հուսով եմ, որ ձեր վերադարձը կտեսնեմ։ Չեմ ուզում խրատներով հոգնեցնել ձեզ։ Դուք վաղուց ունեցել եք աչքի առջև մի պատվական օրինակ․ այդ Աննին է, ձեր ազգականը։ Ջանացեք որքան կարելի է, նրա նման առաքինի լինել։

Մրս․ Մարկլհեմը գլուխը շարժելով հովհարում էր իր երեսը։

― Գնաք բարով, մր․ Ջոն, ― ասաց դոկտորը վերկենալով․ մենք էլ իսկույն վեր կացանք։ ― Մաղթում եմ ձեզ թեթև ճանապարհ, գործերիդ հաջողություն և երջանիկ վերադարձ։

Մենք բոլորս այս կենաց բաժակը պարպեցինք և բոլորս մր․ Ջոն Մելդընի աջը սեղմեցինք․ նա իսկույն հրաժեշտ առավ տիկնանցից և արագ֊արագ դուրս վազեց։ Դռան առջև շարված աշակերտները, հենց որ նա կառք նստեց որոտագին կեցցե՜ հնչեցրին։ Աշակերտների խումբն ստվարացնելու համար ես էլ նրանց միացա և փոշու միջով կառքի հետևից վազ տալիս տեսա, որ մր․ Ջոն Մելդընը շատ հուզված էր և ձեռքին մի վարդագույն բան ուներ բռնած։

Նորից մի եռյակ հուռա ի պատիվ դոկտորի և մի եռյակ հուռա ի պատիվ դոկտորի կնոջ գոռալուց հետո, աշակերտները ցրվեցին, իսկ ես նորից ներս մտա, ուր բոլոր հյուրերին դոկտորի շուրջը կանգնած գտա։ Նրանք պատմում էին, թե մր․ Ջոն Մելդընը ինչպես բաժանվեց, ինչպես արիություն ցույց տվեց, ինչեր զգաց, և այլն և այլն։ Այս զրույցների միջոցին մրս․ Մարկլհեմը հանկարծ գոչեց․

― Որտե՞ղ է Աննին։

Աննին չկար։ Սկսեցին կանչել։ Աննին պատասխան չէր տալիս։ Բայց երբ բոլորս միասին դահլիճից դուրս վազեցինք տեսնելու, թե լեդին ի՞նչ եղավ, նրան նախասենյակի հատակի վրա փռված գտանք։ Սոսկալի աղմուկ բարձրացավ։ Շուտով տեսան, որ դեռ շնչում է, և սկսեցին ուշքի բերել։ Այն ժամանակ դոկտորը, կնոջ գլուխը ծնկի վրա դնելով, նրա մազերն արձակեց և ասաց․

― Խեղճ Աննի։ Որքան զգայուն, որքան քնքուշ ու հավատարիմ է սրա սիրտը։ Չի կարողացել բաժանվել իր մանկության ընկերոջից, իր մտերիմ բարեկամից, իր մորաքրոջ տղայից։ Ա՜խ, այս ի՜նչ ցավալի բան է։

Երբ տիկինն աչքերը բացեց ու նկատեց, թե որտեղ է և ովքեր են իր շուրջը, դոկտորի թեթև օգնությամբ ոտքի կանգնեց և գլուխը շուռ տվեց, դոկտորի ուսին դնելով կամ ծածկելով ― չգիտեմ ո՞րը։ Մենք դահլիճ վերադարձանք, թողնելով նրան դոկտորի և մոր հետ, սակայն նա հայտնեց, թե արդեն իրեն լավ է զգում և կցանկանար մեզ հետ լինել, նրան ներս բերին ու բազմոցի վրա նստեցրին։ Նա սաստիկ գունաթափ էր և դեռ շատ թույլ։

― Հոգյակ իմ, Աննի, ― ասաց մայրը, նրա զգեստի չգիտեմ ո՛ր մասն ուղղելով։ ― Կարծեմ ժապավենդ կորցրել ես․․․ Պարոններ, ո՞վ կգտնի Աննիի վարդագույն ժապավենը։

Այդ այն ժապավենն էր, որ մրս․ Ստրոնգը կպցրել էր իր կրծքին։ Փնտրեցին, ես էլ փնտրեցի, բայց ոչ ոք չգտավ։

― Չե՞ս հիշում, Աննի, թե փոքր֊ինչ առաջ ժապավենդ որտե՞ղ էր, ― հարցրեց մայրը։

Ես զարմացա, թե ինչպես մրս․ Ստրոնգը, որ մինչ այդ այնքան գունատ էր, հանկարծ կրակի նման կարմրեց, երբ ասաց, թե փոքր֊ինչ առաջ ժապավենն իր վրա էր, բայց չարժի որոնել։

Այնուամենայնիվ շարունակեցինք պրպտել, սակայն դարձյալ անհաջող։ Նա աղաչում էր, որ այլևս չպտրտենք, բայց մենք նորից մի քանի անգամ դեսուդեն ընկանք, թեև իզուր։ Վերջապես լեդին լրիվ ուղղվեց, և հյուրերը հրաժեշտ առան նրանից։

Մր․ Ուիկֆիլդը, Ագնեսը և ես հանդարտ քայլերով վերադառնում էինք դեպի տուն։ Ագնեսն ու ես հիանում էինք պայծառ լուսնով, իսկ մր․ Ուիկֆիլդն աչքերը ներքև ուղղած էր առաջ գնում։ Տուն որ հասանք, Ագնեսը հիշեց, որ իր ձեռագործի պայուսակը մոռացել է դոկտորի մոտ։ Ես իսկույն ետ վազեցի, ուրախանալով, որ կարող եմ փոքրիկ ծառայություն անել նրան։

Մտա սեղանատուն, ուր պայուսակը թողնված էր։ Այնտեղ մութն էր և մարդ չկար․ բայց դոկտորի գրասենյակի դուռը դեռ բաց էր և միջից լույս էր երևում։ Այնտեղ մտա ասելու, թե ինչո՞ւ եմ եկել և մի մոմ խնդրեցի։

Դոկտորը բազկաթոռում վառարանի մոտ նստած էր, իսկ նրա ոտքերի տակ մի ցածր աթոռակի վրա կինն էր նստած։ Դոկտորը հաճության ժպիտով մի ձեռագիր էր կարդում նրան՝ երևի անվերջ արմատների մասին․ կինը շարունակ նայում էր նրան, բայց այնպիսի արտահայտությամբ, որի նմանը ես դեռ երբեք չէի տեսել։ Արդյոք ի՞նչ էին մտադիր ասել նրա դեմքի սքանչելի դիմագծերը, նրա սփրթնաց երեսը, նրա մերթ տրտում, մերթ մոլոր, մերթ ահաբեկ հայացքը ― չգիտեմ։ Նրա աչքերը պշնված էին, իսկ սև֊սև գանգուրներն սպիտակ զգեստի վրա փռված, որ վարդագույն ժապավենից արդեն զուրկ էր։ Ճշտությամբ մտաբերում եմ այդ հայացքը, բայց չնայած արդեն հասուն դատողությանս, այսօր անգամ անզոր եմ ասել՝ արդյոք ի՞նչ էր արտահայտում։ Զղջում, ամոթ, գոռոզություն, սեր, հավատ, վստահություն ― այս բոլորն էլ կար, բայց կար և ահաբեկ զարհուրանքը՝ արդյոք ինչի՞ց ― չգիտեմ։

Իմ ներս մտնելը և բան հարցնելը սթափեցրեց նրան, սակայն կարծեմ դոկտորին էլ փոքր֊ինչ շփոթեցրեց։ Երբ ետ եկա, վերցրած մոմս սեղանի վրա դնելու, դոկտորն արդեն չէր կարդում, այլ հայրական գգվանքով շոյում էր կնկանը և ասում, թե ինքը մի անգութ ինքնասեր է, որ չարչարում է նրան այդպիսի բաներ կարդալով, փոխանակ խնդրելու, որ նա գնա հանգստանա։

Սակայն կինը արագ ու ստիպողաբար մարդուն խնդրեց, որ թույլ տա իրեն նստած մնալ։ Թույլ տա իրեն (ինչպես որ իմացա նրա կցկտուր մրմունջից) այս երեկո էլ վստահ լինել, թե վայելում է նրա հավատարմությունը։ Դուրս գալուս րոպեին նա իմ վրա մի թռուցիկ ակնարկ նետեց և ձեռքերը դոկտորի ծնկին դեմ տալով, նորից սկսեց առաջվա պես մտիկ տալ նրան, սակայն այս անգամ ավելի մեղմ հայացքով, իսկ դոկտորը ձեռագրի ընթերցումը շարունակեց։

Այս պատկերը մի շատ ազդու տպավորություն արեց վրաս և երկար ժամանակ անցնելուց հետո ես հիշեցի նրան մի առթիվ, որի մասին պատմելու եմ իր տեղում։

Ժէ․ գլուխ

Մեկը նորից լույս է ընկնում


Իմ փախուստից ի վեր Պեգգոտիի մասին խոսելու առիթ չէի ունեցել, բայց ինքն իրեն հասկանլի է, որ Դուվր հասնելուս պես նրան մի նամակ գրեցի․ մի նամակ էլ գրեցի, որի մեջ մանրամասն պատմում էի այն բոլորը, ինչ֊որ տատիս տանը վիճակվեց ինձ։ Իսկ երրորդը գրեցի դոկտոր Ստրոնգի վարժարանը մտնելուց հետո․ դա մի երկար նամակ էր՝ երջանիկ կացությունս և հույսերս նկարագրող։ Դժվար թե մր․ Դիկի ընծայած դրամը ծախսելուցս այնքան զվարճություն զգացած լինեի, որքան զգացի երրորդ գրությանս հետ Պեգգոտիին կես գինե ուղարկելով առած պարտքիս փոխարեն, և ահա այդ նամակումն է, և ոչ թե առաջ, որ նրան իշատեր սայլապանի գողության դեպքը պատմեցի։

Պեգգոտին իմ բոլոր նամակներիս այնպես շուտ էր պատասխանում, ինչպես մի առևտրական գործակատար, թեև ոչ շատ համառոտ։ Իր ամբողջ մատենագրական հանճարը սպառելով, նա բացատրում էր, թե ինչ անհանգստություն էր պատճառել նրան իմ ուղևորությունը։ Ձայնարկության անթիվ նշաններով և անկապ դարձվածներով առատ ու զեղուն չորս երեսներ, ուր կետերի տեղ միայն թանաքի խոշոր բծեր էին երևում, չէին բավել այդ տագնապը փարատելու։ Սակայն նամակի բծերն ամենաճարտար շարադրությունից ազդու էին, որովհետև ցույց էին տալիս, որ Պեգգոտին իր գրությունը ծայրեծայր արտասուքով է հեղեղել, մի՞թե կարելի էր դրանից ավելի բան պահանջել։

Պարզ տեսնում էի, որ Պեգգոտին դեռ շարունակում է ծուռ աչքով նայել տատիս, և ակներև էր, որ դժվարանում է մի նպաստավոր կարծիք կազմել նրա մասին։ «Զարմանք բան է, ― գրում էր նա, ― որ մինչև այժմ այդ միս Բեթսիի մասին ոչ մի լավ բան չէինք լսել և հանկարծ դուրս է գալիս, որ նա այն չէ, ինչ֊որ միշտ կարծում էր, այ քեզ հրաշք»։ Երևում էր, որ Պեգգոտին դեռ միս Բեթսիից վախենում է, որովհետև մեծ զգուշությամբ էր բարևում նրան։ Իսկ իմ մասին կարծում էր, թե Դուվրից էլ փախուստ կտամ։ Այս կարելի էր հետևեցնել նրա բազմաթիվ ակնարկներից, թե Յարմաութ հասնելը շատ հեշտ բան է, բավական է միայն, որ ես նրանից հանրակառքի փող ուզեմ։

Նրա հաղորդած մեկ լուրը վերին աստիճանի վշտացրեց ինձ։ Գրում էր, թե մեր վաղեմի տան կահ֊կարասին աճուրդով վաճառվել է․ թե մր․ Մեորդստոնն ու նրա քույրը քաշվել գնացել են մի ուրիշ տեղ, և թե տունը փակված է՝ վաճառվելու կամ վարձվելու նպատակով։ Աստծուն հայտնի է, որ նրանց օրով ես մաս չունեի այդ տան մեջ, բայց և այնպես ցավում էի, որ մեր սիրելի հայրենի տունը, մեր այդ հին օթևանն այժմ թողնված է, պարտեզը մոլախոտով բուսած և բոլոր շավիղները տերևներով ծածկված։ Երևակայում էի, թե ինչպես ձմեռվա սառը քամին ոռնում է տան շուրջը, ինչպես անձրևը ծեծում է պատուհանների ապակին, և ինչպես լուսինը ուրվականների ստվերներ նկարում սենյակների մեջ, ամբողջ գիշեր ամայության վրա հսկելով։ Հիշում էի և հանգստարանը, ծառի տակի երկու լռիկ գերեզմանները, և ինձ թվում էր, թե մեր տունն էլ այժմ մեռել է և նրա հետ միասին ամեն բան, ինչ որ դեռ մի կապ ուներ հայրիկիս ու մայրիկիս հետ անհետացել, չքացել է։

Ուրիշ նորություններ չկային Պեգգոտիի նամակներում։ Մր․ Բարկիսը, գրում էր նա, մի պատվական ամուսին է, չնայած փոքր֊ինչ ագահ է․ «բայց բոլորս էլ պակասություններ ունենք, մանավանդ ես», ավելացնում էր Պեգգոտին (թեև դրանք մինչև այսօր էլ ինձ անհայտ են)։ Նա բարևում էր ինձ մր․ Բարկիսի կողմից և ասում, թե իմ փոքրիկ ննջարանը միշտ ինձ համար պատրաստ է։ Մր․ Պեգգոտին առողջ է, Հեմն էլ առողջ է, մրս․ Գըմիջն էլ առաջվա պես ոչ լավ է, ոչ վատ, իսկ փոքրիկ Էմլին չի կամենում ողջունել ինձ, այլ ասում է, որ Պեգգոտին նրա փոխարեն բարևի, եթե ուզենա։

Այս բոլորը հարկ համարեցի ճշտությամբ իմացնել տատիս, լռության տալով միայն Էմլիի անունը, դեպի որը նա, իմ կարծիքով չէր կարող մի առանձին սեր տածել։

Դոկտոր Ստրոնգի վարժարանը մտնելուս առաջին ամիսները միս Բեթսին շուտ֊շուտ էր Կենտրբերի գալիս ինձ տեսնելու, և միշտ այնպիսի ժամանակ, երբ չէի սպասում նրան։ Հավանական է, որ ուզում էր հանկարծակի վրա հասնել։ Սակայն միշտ տեսնելով ու լսելով, որ ես զբաղված եմ, որ ինձ լավ եմ պահում, ուսման մեջ էլ առաջադեմ եմ, այս անակնկալ արշավանքներին վերջ տվեց։ Այնուհետև շաբաթ օրերն էի տեսնում նրան՝ ամիսը մի և կամ շատ֊շատ՝ երկու անգամ, երբ Դուվր էի գնում՝ կիրակին նրա մոտ անցնելու։ Իսկ մր․ Դիկը ինձ մոտ գալիս էր հանրակառքով երկու շաբաթը մի անգամ չորեքշաբթի օրերը, և հետևյալ օրը վերադառնում։

Մր․ Դիկն ամեն անգամ մի կաշվե պայուսակ էր բերում իր հետ՝ որի մեջ գրելու զանազան պարագաներ և հիշատակարանի թերթերն էին պահված։ Այս հիշատակարանի մասին ասում էր, թե արդեն շտապելու և շուտով վերջացնելու ժամանակն է։

Մր․ Դիկը շատ էր սիրում չամչով կտապ, և նրա այցելություններն ավելի գրավիչ անելու մտքով տատս ինձ պատվիրել էր նրա համար հաշիվ բանալ մի հացթուխի կրպակում, բայց միայն այն պայմանով, որ կրպակը օրական մի շիլինգի գաթա տա, և ոչ ավելի։ Այս խիստ պայմանը և այն հանգամանքը, որ մր․ Դիկի իջևանած հյուրանոցի բոլոր հաշիվները վճարելուց առաջ նախ տատիս պիտի ուղարկեին, առիթ էր տալիս ինձ կարծելու, թե մր․ Դիկը իր փողերը միայն գրպանի մեջ հնչեցնելու իրավունք ունի, բայց ոչ թե ծախսելու։ Հետո իմացա, որ ենթադրությունս ճշմարիտ է․ մր․ Դիկի ու տատիս միջև համաձայնություն էր կայացել, որի զորությամբ առաջինը պարտավոր էր իր բոլոր ծախսերի մասին միշտ հաշիվ տալ երկրորդին։ Եվ որովհետև մր․ Դիկի մտքով անգամ չէր անցել տատիս խաբել և կամ նրան անհաճո մի բան անել, ուստի միշտ զգուշացնում էր ամեն ավելորդ ծախսերից։ Այս և ուրիշ շատ կետերի վերաբերմամբ մր․ Դիկը համոզված էր, որ աշխարհիս երեսին իմ տատից խելոք կին չկա, և այս բանը կրկնում էր ինձ հարյուր անգամ, բայց միշտ ականջիս փսփսալով, իբրև գաղտնիք։

Մի չորեքշաբթի մր․Դիկը դարձյալ տատիս մասին խոստովանություն անելուց հետո, խորհրդավոր կերպով հարցրեց․

― Չգիտե՞ս, Տրոտուդ, ո՞վ է այն մարդը, որ միշտ մեր տան մոտերքում ման է գալիս և նրան վախեցնում։

― Ում վախեցնում, տատի՞ս։

Մր․ Դիկը ցածր խոսելու նշան արեց։

― Բանն էլ այդ է, ― ասաց մր․ Դիկը։ ― Ես ինքս առաջ կարծում էի, թե աշխարհումս ոչ մի բան չի կարող միս Բեթսիին վախեցնել, որովհետև նա․․․ (մր․ Դիկը ձայնն իջեցրեց) խնդրեմ այս մասին դու ոչ ոքի չասես․․․ որովհետև նրանից խելոք ու զարմանալի կին չկա։

Այս ասելուն պես նա մի երկու քայլ ետ քաշվեց դիտելու, թե տատիս նկարագիրն ի՞նչ տպավորություն գործեց վրաս։

― Առաջին անգամ նա երևաց․․․ ― շարունակեց մր․ ԴԻկը, ― սպասիր, հիշեմ․․․ հազար վեց հարյուր քառասունինը թվին էր, որ Կարլոս թագավորին գլխատեցին։ Դու էլ կարծեմ ասացիր, որ հազար վեց հարյուր քառասունիննին էր, չէ՞։

― Այո, սըր։

― Չեմ հասկանում, ― ասաց մր․ Դիկը շփոթվելով ու գլուխը վշտագին շարժելով։ ― Մի՞թե ես այդքան ծերացել եմ։

― Ա՞յդ թվականին երևաց մարդը, ― հարցրի ես։

― Հարկավ, ― ասաց մր․ Դիկը։ ― Սակայն չեմ կարող, Տրոտուդ, ըմբռնել, թե ինչպե՞ս կարող էր այդ թվականին երևալ։ Իսկ դու այդ թվականը որտեղի՞ց գիտես։ Պատմությունի՞ց։

― Այո՛, սըր։

― Պատմությունը հո ոչ մի ժամանակ չի՞ խաբի, ― ասաց մր․ Դիկը, և նրա երեսի վրա մի հուսո նշույլ երևաց։

― Ոչ երբեք, սըր, ― պատասխանեցի ես հաստատ կերպով։

Ես դեռ շատ միամիտ էի ու վստահ, թե ասածս իրոք ճշմարիտ է։

― Բանը սաստիկ խառնվում է, ― ասաց մր․Դիկը մտմտալով։ ― Մի սխալմունք սպրդած կլինի որևէ տեղ։ Ինչևիցե՝ այն մարդը իսկ և իսկ այն միջոցին երևաց, երբ Կարլոս առաջինի գլխում եղած շփոթության մի մասը իմ գլխի մեջ ածեցին։ Ես և միս Տրոտուդը նոր էինք թեյից հետո զբոսնելու գնացել, և արդեն սկսել էր մթնել, երբ ճիշտ մեր տան մոտերքում այն մարդը բուսավ։

― Գուցե նա էլ զբոսնում էր, ― ասացի ես։

― Զբոսնո՞ւմ, ― կրկնեց մր․ Դիկը։ ― Հապա մի լավ մտաբերեմ։ Ո՛չ․․․ ո՛չ, ո՛չ։ Չէր զբոսնում։

Բանի էությունն իմանալու համար հարցրի, թե ուրեմն ի՞նչ էր անում այդ մարդը։

― Ինչպես թե ի՞նչ, ― կրկնեց մր․ Դիկը։ ― Բայց նա բնավ այնտեղ էլ չէր․ միայն փոքր֊ինչ հետո մոտեցավ միս Բեթսիին և ինչ֊որ բան շշնջաց նրան։ Տատդ շուռ եկավ և ուշաթափ վայր ընկավ։ Ես հանգիստ մտիկ տվի մարդուն, և նա գնաց։ Ո՞ւր գնաց, գետի՞նն անցավ, թե՞ մի ուրիշ տեղ, չգիտեմ։ Ահա այս է զարմանալին։ Բայց անպատճառ մի տեղ գնաց թաքնվելու։

― Եվ այն օրից մինչև այժմ թաքնվա՞ծ է, ― հարցրի ես։

― Անպատճառ, ― պատասխանեց մր․ Դիկը, գլուխը լրջորեն շարժելով։ ― Թաքնված էր, և միայն երեկ գիշեր նորից երևաց։ Երեկ գիշեր, մինչ մենք զբոսնում էինք, նա դարձյալ մոտեցավ միս Բեթսիի հետևից, և ես նրան իսկույն ճանաչեցի։

― Եվ նորի՞ց տատիս վախեցրեց։

― Տատդ սարսռաց, ― ասաց մր․ Դիկը, տատիս ցնցումը պատկերացնելով և ատամները կրճտելով։ ― Ցանկապատին հենվեց, լավ եղավ։ Սակայն, Տրոտուդ, հապա այստեղ եկ, ― ավելացրեց մր․ Դիկը, ինձ իր մոտ քաշելով, որ ավելի լավ կարողանար ականջիս մեջ փսփսալ։ ― Ինչո՞ւ նա փող տվեց մարդուն այն լուսընկա գիշերը, ա՜յ տղա։

― Երևի թե մարդը մուրացկան էր։

Մր․ Դիկը գլուխը թոթվեց, այս ենթադրությունս միանգամայն մերժելու համար, և նույն շարժումը մի քանի անգամ սաստկությամբ կատարելուց հետո ասաց․

― Ո՛չ, ո՛չ, ի՞նչ մուրացկան։ Մուրացկան չէ՛ր։

Հետո պատմեց, թե իր պատուհանից տեսել է, ինչպես տատս հենց նույն գիշերը լուսնի լույսի տակ, ցանկապատի մոտ, փող տվեց մարդուն, մարդն էլ անհետացավ, երևի թե գետինն անցավ, և մյուս անգամ չերևաց․ իսկ տատաս շտապով ու թաքուն տուն մտավ, և առավոտյան մի ուրիշ տեսակ էր, էլ այնպես չէր, ինչպես որ միշտ։ Այս բոլորը սաստիկ զարմացրել էր մր․ Դիկին։

Այդ պատմության սկզբին ես տարակույս անգամ չունեի, որ անծանոթը մր․ Դիկի երևակայության արդյունք է՝ այն թշվառ թագավորի նման, որ նրան այնքան մտատանջություն էր պատճառում․ սակայն փոքր֊ինչ հետո սկսեցի ինքս ինձ հարցնել ― արդյոք որևէ փորձ կամ սպառնալիք չէ՞ին արել՝ տատիս ձեռքից մր․ Դիկին կորզելու համար, և տատս, որի մարդասեր խնամքը նրա մասին ինձ հայտնի էր, մի գումար չէ՞ր տվել, որ իր մտերմին հանգսիտ թողնեն և նրա խաղաղությունը չվրդովեն։ Բնական է, որ ես ինքս մր․ Դիկին շատ սրտակից և նրա բարօրության նախանձախնդիր լինելով, նրան կորցնելու երկյուղից մի այսպիսի ենթադրություն անեի։ Այս պատճառով երկար ժամանակ, հենց որ նրա գալու չորեքշաբթին հասնում էր, ասում էի ինձ, արդյոք դարձյալ ժպիտն երեսին կտեսնե՞մ նրան դիլիժանսում։ Սակայն նա առաջվա պես ժպիտն երեսին, միշտ գոհ ու զվարթ գալիս էր, բայց այն մարդու մասին, որ տատիս վախեցնելու քաջություն էր ունեցել, էլ բնավ չէր ասում։

Այս չորեքշաբթիները մր․ Դիկի ու ինձ համար ամենաերջանիկ օրերն էին։ Շուտով նա բոլոր ընկերներիս հետ ծանոթացավ, և թեպետ բացի ֆռռան թողնելուց, ուրիշ խաղի չէր մասնակցում, բայց սաստիկ հետաքրքրվում էր մեր մյուս զբոսանքներով։ Քանի անգամ տեսել եմ, թե ինչպես էր ակնապիշ դիտում գնդակի կամ շռնչանի շարժումները և գրեթե շունչը բռնում խաղի տագնապիչ րոպեներին։ Քանի անգամ տեսել եմ նրան բլրակի վրա կանգնած գլխարկը ճոճելով ցնծության ձայն հանելիս, երբ աշակերտներն սկսում էին «նապաստակ ու շուն» խաղալ․ այսպիսի րոպեներին նա մոռանում էր և թշվառ Կարլոսին, և դրա բոլոր արկածները, և իր հիշատակարանը և ամեն բան։ Ինչքա՜ն երջանիկ ժամեր անցրեց իմ ալևոր բարեկամը մեզ հետ միասին ամառը դաշտում պտտելիս։ Որքա՜ն ժամեր ձմռան ցրտից քիթն ու բերանը կարմրած՝ լճի ափին սպասեց, մինչև մենք սառցի վրա չմուշկներով սահում էինք, իսկ նա զվարթ ծափ տալիս սրտի անչափ հրճվանքից։

Բոլոր աշակերտները մր․ Դիկին սիրեցին, և նրա հնարագիտությունը փոքրիկ բաներում ընդհանուր հիացման առարկա դարձավ։ Նա գիտեր այնպիսի ձևեր կտրել նարնջի կճեպից, որ մեր մտքով անգամ չէր անցնի․ գիտեր ինչ բանից ասես նավակ շինել․ կարող էր ամենահասարակ ոսկոռի կտորից ճատրակի քարեր պատրաստել․ հին խաղաթղթերից հռոմեական երկանիվ կառքեր ստեղծել․ թել փաթաթելու կոճից անիվ տաշել և հին լարերից թռչունի վանդակ հյուսել։ Սակայն գոցե ոչ մի բանում նրա հանճարը այնքան չէր փայլում, որքան հարդից ու շվանից շինվող բաների մեջ․ մենք բոլորս համոզված էինք, որ այս նյութերից մր․ Դիկն ընդունակ է շինել ամեն բան, ինչ֊որ միայն կարելի էր շինել մարդկային ձեռքով։

Մի քանի ժամանակներից հետո մր․ Դիկի ճարտարության հռչակը նաև դոկտոր Ստրոնգին հասավ։ Մի չորեքշաբթի դոկտորն անձամբ մի քանի բան հարցրեց ինձնից նրա մասին․ ես էլ ինչ որ իմ տատից գիտեի, պատմեցի։ Պատմությունս վերին աստիճանի հետաքրքրեց դոկտորին, և նա կամեցավ, որ մր․Դիկի հետևյալ այցելության ժամանակ ես նրանց իրար հետ ծանոթացնեմ։ Ծանոթությունը տեղի ունեցավ, և հենց նույն օրը դոկտորը խնդրեց մր․ Դիկին, որ նա երբեք դիլիժանսների կայարանում կանգ չառնի, այլ ժամանելուն պես՝ առանց ինձ սպասելու, անմիջապես դպրոց գա և մինչև առավոտյան դասերի վերջանալը հանգստանա։ Այնուհետև մր․ Դիկը սովորություն արեց ուղղակի վարժարան գալ, և, ― եթե մեր դասերը երկարեին, ինչպես որ հաճախ պատահում էր չորեքշաբթի օրերը, ― զբոսնել բակում, իմ դուրս գալուն սպասելով։ Ահա այստեղ նա ծանոթացավ դոկտորի ջահել ամուսնու հետ, որ վերջերս սովորականից ավելի գունատ էր, ավելի տխուր և շատ սակավ էր երևում մեզ, թեև առաջվա պես սիրուն էր։ Այն օրից սկսած մր․ Դիկը համարձակություն առավ ոչ միայն բակում, այլև դասարանում անգամ սպասելու ինձ։ Դասարան մտնելիս նա նստում էր անկյունում միշտ միևնույն աթոռի վրա, որը և այս պատճառով «Դիկ» էր կոչվել։ Աթոռի վրա հանդարտ նստած, գլուխը առաջ հակելով, ալևորը մեծ ուշադրությամբ ականջ էր դնում դասերին և ակնածում մանավանդ այն առարկաներից, որ ինքը երբեք չէր սովորել։

Այս ակնածության մի մասը նա ընծայում էր դոկտորին, որի նման գերիմաստ ու նրբամիտ փիլիսոփա, իր կարծիքով, դեռ ոչ մի դար չէր տեսել։ Ամիսներ անցան, մինչև որ մր․ Դիկը վստահաբար գլխարկը չհանած խոսեց նրա հետ։ Մինչև անգամ այն ժամանակ, երբ նրանք արդեն մտերմացել էին և ժամերով միասին ման էին գալիս բակի այն մասում, որ «Դոլտորի ճեմելիք» էր կոչվում, մր․ Դիկը, մերթընդմերթ դոկտորի անհուն իմաստությունն ու գիտությունը արժանապես հարգելու համար, իր գլուխը մերկացնում էր։ Արդյոք ի՞նչ դիպվածով, այս զբոսանքների ժամանակ դոկտոր Ստրոնգն առաջին անգամ առիթ գտավ բարձր ձայնով քաղվածքներ կարդալ իր հռչակավոր բառարանից, ― չկարողացա երբեք իմանալ․ երևի կարծեց, թե ձայնով կարդալն ու լռիկ կարդալն միևնույն է։ Ինչևիցե, այս բանը սովորություն դարձավ, և մր․ Դիկը, որ լսում էր նրան զվարթագին դեմքով, պարծանքով ու բերկրանքով համոզվեց, որ դոկտորի բառարանից սքանչելի գիրք աշխարհումս ոչ եղել է, ոչ էլ կա։

Երբ հիշում եմ, թե ինչպես էին նրանք մեր դասարանի պատուհանների տակ զբոսնում ― հիշում եմ մերթ ժպտալով, մերթ գլուխը շարժելով ձեռագիրը կարդացող դոկտորին և հիացմամբ նրան ականջ դնող, բայց և խրթին բառերի թևի վրա աստված գիտե մտքերով ո՞ւր սավառնող մր․ Դիկին, ― չեմ կարող չասել, որ այդպիսի ակնապարար ու հաճելի պատկեր ես կյանքումս չեմ տեսել։ Ինձ թվում է, որ եթե նրանք կարողանային հավիտյան այնպես հանդարտ ու հեզիկ ճեմել, աշխարհս ավելի հանգիստ կլիներ և նրանց զբոսանքից բոլորիս համար ավելի օգուտ կծագեր, քան հազար ու հազար մեծաշառաչ դեպքերից։

Ագնեսն էլ շուտով մր․ Դիկի մտերիմներից մեկը դարձավ։ Մր․ Դիկը հաճախ մեր տունը գալով, Ուրիասի հետ էլ ծանոթացավ։ Մր․ Դիկի և իմ բարեկամությունն օրըստօրե սերտանում էր, բայց մեր հարաբերությունները տարօրինակ էին։ Ի պաշտոնե նա իմ վերակացուն էր և հատկապես ինձ տեսնելու համար էր գալիս, սակայն իրոք ես էի նրա խորհրդատուն, որովհետև ամեն մանր բաների մեջ մի դժվարություն ծագելուն պես՝ նա իմ կարծիքն էր հարցնում և անպատճառ դրա համեմատ գործ բռնում։ Շատ մեծ էր նրա ակնածությունն իմ բնական ուշիմությունից, որի մի մասը նրա համոզումով, տատիցս ժառանգած կլինեի։

Մի հինգշաբթի առավոտ, մինչ մր․ Դիկին դեպի դիլիժանսների կայարանն էի ուղեկցում, ճամփի վրա Ուրիաս Հիպը հանդիպեսց մեզ։ Նա ինձ իմ խոստումը հիշեցրեց՝ մի օր թեյ ընդունելու իր մոր տանը, և գալարվելով հարեց․

― Թեև ճշմարիտն ասած, մաստր Կոպպերֆիլդ, ես հույս չունեմ, որ այս խոստումը կկատարեք․ չէ՞ որ մենք չնչին մարդիկ ենք։

Մինչև այդ օրը չէի պարզել, թե արդյոք Ուրիաս Հիպին ես սիրում եմ թե ատում․ այս մասին դեռ երկմիտ էի՝ մինչև անգամ, երբ ես փողոցում կանգնած նայում էի նրա երեսին։ Սակայն հպարտ համարվելուց ամաչելով, ասացի նրան, թե միայն իր հրավերքին էի սպասում։

― Օ՜հ, եթե միայն այդ էր ձեզ արգելում մեզ մոտ գալ, մաստր Կոպպերֆիլդ, ― գոչեց Ուրիասը, ― այլ ոչ թե մեր թշվառ կացությունը, ուրեմն արդյոք չէ՞իք հաճի հենց այս երեկո շնորհ բերել։ Սակայն, եթե մեր թշվառ կացությունն էր ձեր չգալու պատճառը, հույս ունիմ, որ առանց քաշվելու պարզ կասեք, մաստր Կոպպերֆիլդ, որովհետև մեր խոնարհ վիճակը լավ հայտնի է մեզ։

Պատասխանեցի, թե կխոսեմ մր․ Ուիկֆիլդի հետ և եթե նա հավանություն տա, որ վստահ եմ թե կտա, ուրախությամբ կգամ։ Եվ այսպես՝ նույն երեկոյան ժամը վեցին, երբ գրասենյակի պարապմունքը վերջացավ, ես հայտնեցի Ուրիասին, թե պատրաստ եմ։

― Ձեր այցելությամբ մայրս անշուշտ կհապարտանա, ― ասաց Ուրիասը, երբ միասին դուրս ելանք։ ― Կամ լավ է ասել՝ կհպարտանար, մաստր Կոպպերֆիլդ, եթե հպարտանալը մեղք չլիներ։

― Եվ, սակայն, այս առավոտ դուք այդպես չէիք մտածում, երբ ինձ հպարտ համարեցիք, ― ասացի ես։

― Օ՜հ, մաստր Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Ուրիասը։ ― Ամենևին ոչ։ Երդվում եմ, որ այդպիսի բան մտքովս անգամ չի անցել։ Ես ձեզ հպարտ երբեք չեմ համարի, եթե դուք մեզ նման չնչին էակներից խորշելու լինեիք։ Մեզ լավ հայտնի է, որ մենք իրոք փոքր մարդիկ ենք։

― Վերջերս, կարծեմ, շատ էիք նվիրված օրենքների ուսման, ― հարցրի ես խոսակցության նյութը փոխելու համար։

― Օ՜հ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա խոնարհությամբ, ― մի՞թե իմ ընթերցանությունը կարելի է ուսում անվանել։ Հազիվհազ կարողանում եմ երեկոները, այն էլ ոչ միշտ, մր․ Տիգին մի երկու ժամ նվիրել։

― Դա մի խրթին հեղինակ է, չէ՞։

― Այո՛, երբեմն խրթին է ինձ համար, ― ասաց Ուրիասը։ ― Սակայան մի ընդունակ մարդու ինչպե՞ս կթվա՝ այդ չգիտեմ։

Յուր աջ ձեռքի երկու ոսկրոտ մատներով կզակի վրա զարկելուց հետո նա ասաց․

― Գիտե՞ք, մաստր Կոպպերֆիլդ, մր․ Տիգի գրքում այնպիսի բառեր և ասացվածքներ կան, նույնիսկ լատիներեն, որ իրոք դժվարամարս են ինձ նման թերուս ու թուլամիտ ընթերցողի համար։

― Կցանկանայի՞ք լատիներեն սովորել, ― հարցրի ես եռանդով։ ― Ես ինքս ուսանում եմ այդ լեզուն և սիրով դաս կտայի ձեզ։

― Օ՜հ, շնորհակալ եմ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց Ուրիասը գլուխը թոթվելով։ ― Հավաստի եմ, որ այդ առաջարկը սիրով եք անում, բայց ես չեմ կարող ընդունել։

― Եվ ինչո՞ւ։

― Որովհետև շատ և շատ չնչին մարդ եմ, մաստր Կոպպերֆիլդ։

― Է՛հ, այդ ինչ դատարկ խոսքեր են, Ուրիաս։

― Ո՛չ, խնդրեմ ներեցեք, մաստր Կոպպերֆիլդ։ Անչափ շնորհակալ եմ, մաստր Կոպպերֆիլդ և երդում եմ անում, որ իրոք կցանկանայի սովորել, բայց ես անչափ խոնարհ էակ եմ։ Առանց այն էլ շատերը պատրաստ են ինձ ոտնատակ անել նվաստ դրությանս պատճառով, նրանց զայրույթը որքան կսաստկանա, եթե հանդգնեմ նրանց զգացումը վիրավորել ուսման հետևից ընկնելով։ Ո՛չ, ուսումն ու գիտությունը ինձ համար չեն։ Ինձ նման էակներին ներելի չէ այդպիսի վսեմ բաների ձգտել։ Ինձ պետք է խոնարհությամբ, ծառայաբար առաջ գնալ այս աշխարհում, մաստր Կոպպպերֆիլդ։

Երբեք նրա բերանը այնքան բացված և երեսի ոսկորներն այնքան խորացած չէի տեսել, ինչպես այժմ, երբ նա իր սկզբունքներն էր բացատրում ինձ, շարունակ գլուխը շարժելով ու մարմինը կծկելով։

― Կարծեմ սխալվում եք, Ուրիաս, ― ասացի ես։ ― Հավաստի եմ, որ կարող եմ մի քանի բան սովորեցնել ձեզ, եթե միայն կամենայիք սովորել։

― Այդ մասին ամենևին չեմ կասկածում, մաստր Կոպպերֆիլդ, ամենևին։

― Ուեոմն ինչո՞ւմն է արգելքը։

― Հենց այն բանում, որ այնչափ չնչին մարդ եմ։ Դուք ինձնից այնքան բարձր եք, որ չեք էլ կարող իմ գոյությունը հասկանալ։ Շատ շնորհակալ եմ․ չեմ ուզում գիտություն ստանալով, ուրիշներին վիրավորել։ Ես իմ չափը լավ գիտեմ․․․ Ահա մեր խոնարհ տնակը, մաստր Կոպպերֆիլդ։

Մտանք հին ձևով կահավորված մի ցած սենյակ և այնտեղ գտանք մրս․ Հիպին, որ որդուն լիովին նման էր, միայն ավելի կարճահասակ։ Նա դիմավորեց ինձ ամենամեծ խոնարհությամբ և ներողություն խնդրեց, որ համբուրում է իր որդուն։

― Ախ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա․ ― թեև մենք շատ չնչին, նկուն մարդիկ ենք, բայց և այնպես սիրում ենք միմյանց, և այս սերը ոչ ոքի կարծեմ չի վիրավորի։

Սենյակը շատ մաքուր էր, սակայն մասամբ դահլիճի էր նմանվում, մասամբ խոհանոցի, և համենայն դեպս դուրեկան չէր։ Սեղանի վրա շարված էին թեյի սպասներ և վառարանի կասկարայի վրա կաթսայով ջուր էր եռ գալիս։ Պատի մոտ դուրս քաշվող գրքակալով մի պահարան կար, որի դիմաց Ուրիասը սովոր էր գիշերները կարդալ կամ գրել։ Այդտեղ էր և նրա կապույտ պայուսակը՝ մինչև բերանը թղթերով լցված։ Դարակի վրա մի քանի գրքեր էին երևում, որոնց մեջ աչքի էր ընկնում մր․ Տիգի «Հրահանգը»։ Անկյունում դրված էր մի պահարան տեսակ֊տեսակ անոթներով։ Ընդհանրապես կահկարասին անպակաս էր, և չեմ հիշում, որ ջոկ֊ջոկ վերցված նրանք անշուք, անշնորհ և կամ գծուծ լինեին․ այնուամենայնիվ բոլորը միասին վայելչության ու ճաշակի տպավորություն չէր գործում։

Անշուշտ մրս․ Հիպի խոնարհության նշան էր, որ նա դեռ սգի հագուստ ուներ հագին, թեև մարդն արդեն վաղուց էր վախճանվել։ Բացի գունավոր գլխանոցից, տիկնոջ հանդերձի բոլոր մասերն այնպես սև էին մնացել, ինչպես որ էին ննջենցյալի թաղման օրը։

― Այո՛, սիրելի Ուրիաս, ― ասաց մրս․ Հիպը թեյ ածելով, ― մենք միշտ կհիշենք այս օրը, որովհետև մաստր Կոպպերֆիլդն այսօր հաճեցավ շնորհ բերել մեզ մոտ։

― Ես գիտեի, որ այդպես կասես, մայրիկ իմ, ― պատասխանեց Ուրիասը։

― Երանի թե, որդյակ իմ, ― գոչեց մրս․ Հիպը, ― հայրդ էլ կենդանի լիներ, որ մեզ հետ միասին կարենար պատվել մեր հյուրին։

Այս բոլոր շողոմներից ես բավական շփոթվեցի, թեև մասամբ գոհ էի, որ ինձ մի մեծարգո հյուրի պես են ընդունում։ Մրս․ Հիպը հաճելի տիկին երևաց ինձ։

― Իմ Ուրիասը վաղուց էր սպասում այս պատվին, ― ասաց մրս․ Հիպը։ ― Նա վախենում էր, թե մեր խոնարհ կացությունը ձեր այցելության արգելք կլինի։ Ես էլ այդ երկյուղն ունեի, որովհետև մենք խոնարհ էինք, միշտ էլ խոնարհ կմնանք։

― Սակայն, տիկին, ― ասացի ես, ― ինձ թվում է, թե այդքան խոնարհ լինելու տեղիք չունեք, եթե միայն չկամենաք այդպես երևալ։

― Շնորհակալ եմ, սըր, ― պատասխանեց մրս․ Հիպը։ ― Մենք մեր վիճակն ու չափը լավ գիտենք, գիտենք և գոհ լինել։

Ես նկատեցի, որ մրս․ Հիպը հետզհետե մոտենում է ինձ, իսկ Ուրիասը քիչ֊քիչ ձգտում է ճիշտ իմ դիմացը տեղ ընտրել։ Երկուսն էլ մրցում էին սեղանի ամենալավ ուտելիքներով մեծարել ինձ։ Սեղանի վրա թեև ընտիր բան չկար, բայց մոր և որդու ուշադրությունն ինձ համար թանկ էր։ Նախ և առաջ նրանք սկսեցին տատերից խոսել, ես էլ իմ տատի մասին մի քանի բան պատմեցի, հետո հերթը մայրերին ու հայրերին հասավ, ես էլ իմ ծնողների մասին մի քանի բան ասացի․ այնուհետև մրս․ Հիպը խորթ հայրերին առաջ քաշեց, ես էլ սկսեցի իմի մասին բան պատմել, բայց իսկույն էլ ձայնս կտրեցի, որովհետև տատս պատվիրել էր լռություն պահել նրա մասին։ Բայց մի փափուկ խցան միթե կարո՞ղ է երկու խցանահանի միաբան ջանքերին դիմանալ, կամ թե մի տկար ատամ՝ մի զորեղ աքցանի ամուր քաշելուն դիմադրել և կամ մի փոքրիկ գնդակ՝ երկու գնդահարի հարվածներին հակառակել։ Մրս․ Հիպը և Ուրիասը ինչ֊որ կամեցան՝ արին ինձ, և քիչ֊քիչ իմ բերանից այնպիսի բաներ դուրս քաշեցին, որ ամենևին մտադիր չէի պատմելու։ Այսօր անգամ ամաչելով պիտի ասեմ, որ նրանց հաջողության պատճառը իմ մանկական հիմարությունն էր․ ես հպարտանում էի մեր մտերմական խոսակցությամբ ու կարծում, թե իրոք երկու արգո հյուրնկալների պատրոնն եմ։

Մայրն ու որդին իրար հետ շատ սիրով էին, և այս սերը իբրև մի բնական ու սրտաշարժ երևույթ ազդեց վրաս․ սակայն ոչ նվազ ազդեց և այն արվեստական վարպետությունը, որով նրանք իրար միտքն իսկույն ևեթ ըմբռնում էին։ Բավական է, որ մեկը միայն մի բառ ասեր, որպեսզի մյուսն անմիջապես բանի էությունը հասկանար և ըստ այնմ շարունակեր։ Երբ այլևս անձիս մասին իմ միջից դուրս որսալու բան չմնաց (Մեորդստոնի ու Գրինբիի մոտ վարած կյանքիս ու վերջին արկածներիս պատմությունը թաքցրել էի), մայրն ու որդին մր․ Ուիկֆիլդին ու Ագնեսին անցան։ Ուրիասն առաջինը գնդակ գցեց մրս․ Հիպին, մրս․ Հիպը գնդակը բռնեց և ետ նետեց Ուրիասին, Ուրիասը մի քանի վայրկյան պահեց նրան և նորից մոր կողմը շպրտեց․ և այս խաղը նրանք այնպես արագ շարունակեցին, որ ես բոլորովին շփոթվեցի և էլ ոչինչ չէի հասկանում։ Գնդակն անդադար փոխվում էր, հազար ու մի ձև ստանալով։ Մերթ նա մր․ Ուիկֆիլդն էր, մերթ Ագնեսը, մերթ մր․ Ուիկֆիլդի արժանիքը, մերթ իմ զգացումը դեպի Ագնեսը, մերթ մր․ Ուիկֆիլդի զգացմունքն ու եկամուտը, մերթ մեր տնային կյանքը, մերթ մր․ Ուիկֆիլդի խմած գինին, խմելու պատճառը և ափսոսանքը, թե ինչու է խմում, մերթ մի բան, մերթ ուրիշ բան և վերջապես միանվագ ամեն բան։ Եվ թեպետ այդ միջոցին ես տրամադիր չէի ուրիշ բան անել, միայն քիչ մասնակցել մոր և որդու խոսակցությանը, ― որպեսզի լռությունս գոռոզություն չհամարվի և իմ պատվաբեր ներկայությամբ նրանց խոնարհության զգացմունքը չվիրավորվի, ― բայց հետզհետե մեկ մի բան, մեկ ուրիշ բան դուրս տալով, այնքան բաներ ասացի, որ ամենևին չպիտի ասեի, և տեսա, որ Որիասի շարժուն պինչերը զվարթությունից շուտ֊շուտ փակվում են ու բացվում։

Վերջապես վրաս նեղություն եկավ և արդեն ուզում էի հեռանալ, երբ փողոցով անցնող մի պարոն կիսաբաց դռան մոտով անցնելիս արագ սահեց, ետ եկավ, կանգնեց, ներս նայեց ու սենյակը մտավ գոչելով․

― Կոպպերֆի՞լդ։ Այս ի՞նչ հրաշք է։

Դա մր․ Միկաբրն էր։ Նույն ինքը Միկաբրը իր միապակի ակնոցով, իր ձեռնափայտով, իր կանգուն օձիքով, իր վայելուչ շարժումներով և խոսելու սիրալիր եղանակով գլխովին նա էր։

― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, աչք տալով ինձ, ― ահա մի հանդիպում, որ կարծես մի գիտությամբ է առաջ գալիս բացահայտ կերպով ցույց տալու, թե աշխարհումս ամեն բան անհաստատ է և անստույգ․․․ միով բանիվ՝ սա մի շատ տարօրինակ հանդիպում է։ Ման էի գալիս փողոցում, մտածելով, թե գուցե ինձ բախտ ժպտա, որ տակավին հավանական է թվում ինձ, և ահա գտնում եմ մի նորատի, բայց թանկագին բարեկամ, որի հիշատակը կյանքիս ամենախորհրդավոր րոպեի հետ սերտ կապված է, կարող եմ ասել այն րոպեի, որ գոյությանս դարձակետն էր։ Կոպպերֆի՛լդ, սիրելի բարեկամ, ինչպե՞ս եք։

Չեմ կարող ասել, իրավ չեմ կարող ասել, թե շատ ուրախացա՝ Հիպի տանը հանդիպելով մր․ Միկաբրին, բայց և այնպես գոհ էի, որ նրան տեսա։ Ես ամուր սեղմեցի նրա աջը և հարցրի՝ արդյոք առո՞ղջ է մրս․ Միկաբրը։

― Շնորհակալ եմ, ― ասաց մր․ Միկաբրը առաջվա պես ձեռքը ճոճելով ու շապկի օձիքը կզակի տակ շտկելով։ ― Գրեթե լիովին առողջ է։ Երկվորյակներն այլևս բնության աղբյուրներից չեն ծծում իրենց սնուդը․․․ միով բանիվ՝ արդեն կաթից կտրված են․․․ և մրս․ Միկաբրը այժմ ինձ ուղեկից է։ Նա սիրով պատրաստ կլինի, Կոպպերֆիլդ, նորոգել իր ծանոթությունը մի ազնիվ պատանու հետ, որ ամեն բանում ապացուցել էր, թե բարեկամության սուրը սեղանին արժանավոր պաշտոնյա է։

Ասացի, թե ուրախ կլինեմ անձամբ հայտնել մր․ Միկաբրին իմ ողջույնը։

― Շատ բարի եք, ― ասաց մր․ Միկաբրը։

Այնուհետև նա ժպտաց, օձիքը նորից դրստեց ու շուրջը նայեց։

― Ահա գտա իմ բարեկամ Կոպպերֆիլդին, ― ասաց նա ջենտլմենի եղանակով և առանց որոշակի մեզնից մեկին դիմելու, ― և գտա ոչ թե մենության մեջ, այլ իբրև սեղանակից մի այրի տիկնոջ և մի անձի, որ թերևս տիկնոջ շառավիղն է․․․ միով բանիվ՝ նրա որդին (վերջին խոսքերը ջերմ եռանդով ասվեցին), հետևաբար պատիվ կհամարեի ծանոթանալ նրանց հետ։

Ստիպվեցի ներկայացնել նրան Ուրիաս Հիպին և մորը։ Մինչ նրանք խոնարհաբար կոտրտվում էին ու գլուխ տալիս, մր․ Միկաբրը աթոռի վրա նստեց և ամենավայելուչ շարժում արեց իր ձեռքով։

― Իմ բարեկամ Կոպպերֆիլդի յուրաքանչյուր բարեկամը իրավունք ունի և իմ բարեկամը կոչվելու։

― Ես ու որդիս շատ խոնարհ էակներ ենք, սըր, ― ասաց մրս․ Հիպը, ― և մր․ Կոպպերֆիլդի բարեկամությանը անարժան։ Նա այնքան բարի է, որ հաճեց մեր տանը թեյ ընդունել, և մենք անչափ շնորհակալ ենք նրանից։ Ձեր բարեսեր ուշադրության համար էլ շնորհակալ ենք, սըր։

― Տիկին, ― պատասխանեց մր․ Միկաբրը գլուխ տալով, ― շատ բարի եք։ Իսկ դուք ի՞նչ եք անում, Կոպպերֆիլդ, դարձյալ մառանո՞ւմ եք ծառայում։

Չգիտեի ինչպես գլխիցս ցանեմ, շուտով հեռացնեմ մր․ Միկաբրին։ Գլխարկս վերցրի և, անկասկած, սաստիկ կարմրած երեսիս առջև բռնելով, պատասխան տվի, թե այժմ աշակերտ եմ դոկտոր Ստրոնգի դպրոցում։

― Աշակե՞րտ, ― գոչեց մր․ Միկաբրը։ ― Անչափ ուրախ եմ, որ այդպիսի բան եմ լսում։ Թեև իմ բարեկամ Կոպպերֆիլդի միտքը մեծաջան մշակության կարոտ չէ, ― շարունակեց նա, դիմելով Որիասին և մրս․ Հիպին, ― մշակության, որ անհրաժեշտ կհամարվեր, եթե նա արդեն մարդկային բնությանը և աշխարհի որպիսությանը ծանոթ չլիներ, բայց և այնպես նրա խելքն այնքան ճոխ ու արգավանդ երկիր է, որ․․․ միով բանիվ, ― նա ընդունակ է կլասիկ գիտության ամենաբարձր գագաթին հասնել։

Ուրիասը իր երկար ձեռքերն իրար շփելով և դեպի վեր նայելով, նշան արեց, թե լիովին համամիտ է այդ կարծիքին։

― Արդյոք չգնա՞նք մրս․ Միկաբրին տեսնելու, սըր, ― ասացի ես մր․ Միկաբրին հեռացնելու համար։

― Սիրով պատրաստ եմ, Կոպպերֆիլդ, եթե կցանկանաք այդպիսի պատիվ ընծայել նրան, ― ասաց մր․ Միկաբրը վեր կենալով։ ― Ես չեմ ամաչի ասել այստեղ, մեր բարեկամների ներկայությամբ, որ տարիներից ի վեր ամենասաստիկ կռիվ եմ մղել դրամական տագնապների ճնշման դեմ։

Արդեն գուշակում էի, որ նա մի այդպիսի բան կասի․ նա միշտ սիրում էր իր դրամական տագնապներով պարծենալ։

― Եղել է ժամանակ, որ ես եմ հաղթել տագնապներին, եղել է ժամանակ, որ․․․ նրանք են ինձ տապալել։ Շատ անգամ է պատահել, որ սոսկալի ապտակ եմ տվել նրանց երեսին, բայց պատահել է և այնպես, որ նրանց թվական առավելությունից ընկճվել եմ և ասել մրս․ Միկաբրին Կատոնի լեզվով․ «Ո՜վ Պլատոն, լավ ես դատում։ Ամեն բան վերջացած է։ Ես չեմ կարող այլևս կռվել»։ Սակայն կյանքիս ոչ մի շրջանում այնպիսի մեծ երջանկություն չեմ զգացել, ինչպես այն րոպեներին, երբ ես՝ անգութ պարտատերերի պահանջներով ու դատական վճիռներով շրջապատված՝ կարողացել եմ վշտերս իմ բարեկամ Կոպպերֆիլդի գիրկը թափել, եթե կարելի է վիշտ անվանել նրանց պատճառած նեղությունը։

Այս փառավոր վկայությունը տալուց հետո, մր․ Միկոբրն ասաց․ «Մր․ Հիպ։ Բարի գիշեր։ Ձեր խոնարհ ծառան եմ, մրս․ Հիպ» և սիգաճեմ դուրս ելավ ինձ հետ և իսկույն սկսեց ինչ֊որ երգ հնչեցնել։

Մր․ Միկաբրի իջած պանդոկը մի փոքրիկ տուն էր, իսկ սենյակը հյուրերի դահլիճից մի բարակ պատով բաժանված խցիկ, ուր կարելի էր թութունի հոտից խեղդվել։ Ներքևում անշուշտ խոհանոցն էր, որովհետև հատակի ճեղքերից ճարպի գոլորշի էր բարձրանում և որմերը կարծես քրտնած էին։ Հեռու չէր անշուշտ և բուֆետը, ինչպես կարելի էր օղու հոտից ու բաժակների շրխկոցից գուշակել։ Ահա այս սենյակում մի սրարշավ ձի պատկերացնող նկարի տակ, մի փոքրիկ բազմոցի վրա, գլուխը վառարանին դեմ տված, իսկ ոտքերը՝ սենյակի հակառակ ծայրի կլոր սեղանին, որի վրա երևում էր մանանեխի անոթը, ձգված էր մրս․ Միկաբրը։ Մր․ Միկաբրը առաջինը ներս մտնելով ասաց նրան․

― Հոգյակ իմ, խնդրեմ ընդունիր դոկտոր Ստրոնգի աշակերտին։

Ի դեպ կասեմ, որ թեև մր․ Միկաբրն առհասարակ սովոր էր իմ հասակն ու վիճակը շփոթել, այս անգամ չմոռացավ, որ ես դոկտոր Ստրոնգի աշակերտն եմ, և աշակերտ բառն իբրև մի պատվանուն շեշտեց։

Մրս․ Միկաբրը շվարեց, բայց և ուրախացավ ինձ տեսնելով։ Ես էլ շատ ուրախ էի, որ տեսա նրան, և փոխադարձ ողջյուններից հետո, նստեցի փոքրիկ բազմոցի վրա նրա կողքին։

― Հոգիս, ― ասաց մր․ Միկաբրն ամուսնուն, ― եթե ուզենաս պատմել Կոպպերֆիլդին մեր արդի կացությունը, որ նա հարկավ կփափագի իմանալ, ես դահլիճ կերթամ լրագիրներ կարդալու․ շատ կարելի է, ծանուցումների մեջ որևէ ձեռնտու բան գտնեմ։

― Կարծում էի, տիկին, թե դուք Պլիմութումն եք, ― ասացի ես, երբ պարոնը դուրս գնաց։

― Այո, սիրելի մաստր Կոպպերֆիլդ, այնտեղ էինք գնացել։

― Որպեսզի այնտե՞ղ հաստատվեք։

― Ճիշտ այդպես, ― պատասխանեց մրս․ Միկաբրը։ ― Սակայն մարդկային հաշիվները երբեմն սխալ են դուրս գալիս։ Մաքսատան մեջ ոչ մի տաղանդ չի պահանջվում, և մինչև անգամ ազգականներիս միջնորդությունը չկարողացավ այդ վարչության մեջ մի պատշաճավոր պաշտոն գտնել մր․ Միկաբրի նման ձիրքերով օժտված մարդու համար։ Վարչության կառավարիչները վախեցան, թե մր․ Միկաբրի ձիրքերի առջև իրենց ոչնչությունը ավելի աչքի կընկնի։ Բացի այս, սիրելի Կոպպերֆիլդ, չեմ ուզում ձեզնից թաքցնել, որ մեր գերդաստանի Պլիմութում բնակված ճյուղը, իմանալով որ մր․ Միկաբրին ուղեկից ենք ես, փոքրիկ Ուիլկինսը, սրա քույրը և երկվորյակները, այն ջերմությամբ չընդունեց նրան, որով սպասելի էր թե կընդունեն գերությունից նոր ազատված ազգականին։ Մեր մեջ մնա, ― հարեց տիկինը, ձայնը փոքր֊ինչ մեղմացնելով, ― մեզ բավական սառը ընդունեցին։

― Զարմանալի բան, ― ասացի ես։

― Այո՛, ― գոչեց մրս․ Միկաբրը։ ― Թեև դառն է այս կողմից պատկերացնել մարդկությունը, բայց պիտի կրկնեմ, որ մեզ իրոք մեծ սառնությամբ ընդունեցին։ Այլևս տարակույս չկա այս մասին։ Իմ գերդաստանի Պլիմութի ճյուղն այնքան կոպիտ գտնվեց, որ մեր ժամանումից հազիվ մի շաբաթ անց, արդեն անձնական զրկանք հասցրեց մր․ Միկաբրին։

― Այդ նրանց պատիվ չի բերում, ― նկատեցի ես։

― Պարզ բան է, սակայն այդպես վարվեցին, ― շարունակեց մրս․ Միկաբրը։ ― Ի՞նչ կմնար անել այդ դիպվածում մր․ Միկաբրի նման հպարտ անձին։ Որիշ ոչինչ, եթե ոչ մի գումար փոխ առնել գերդաստանիս այդ ճյուղից և իսկույն Լոնդոն վերադառալ, ինչ էլ նստեր մեզ այս զոհաբերությունը։

― Այդպես էլ արի՞ք, տիկին։

― Հենց այդպես, և բոլորս Լոնդոն վերադարձանք։ Այնուհետև ես խորհուրդ հարցրի գերդաստանիս մյուս ճյուղի անդամներից, թե մր․ Միկաբրը ի՞նչ ասպարեզ ընտրի, որովհետև, մաստր Կոպպերֆիլդ, անհրաժեշտ էր, որ նա ընտրի մի նոր ասպարեզ, ― շեշտեց մրս․ Միկաբրը, կարծես թե ես հակառակ լինեի այդ մտքին։ ― Չէ՞ որ վեց անդամից բաղկացած մի ընտանիք, առանց հաշվելու աղախնուն, օդով ապրել չի կարող։

― Հարկավ չի կարող, ― ասացի ես։

― Արդ, գերդաստանիս մյուս ճյուղի անդամները միաբերան վճռեցին, որ մր․ Միկաբրը իր ուշադրությունն անմիջապես քարածխի վրա դարձնի։

― Ի՞նչ բանի վրա, տիկին։

― Քարածխի վրա, մաստր Կոպպերֆիլդ, այսինքն՝ քարածխի առևտուր սկսի։ Մր․ Միկաբրը հարցուփորձ արեց և տեսավ, որ իր ձիրքերի պես մարդու համար կարող է մի ձեռնտու ասպարեզ բացվել Միդուեի հանքերում։ Այնուհետև բնականաբար հարկ եղավ անձամբ տեսնել Միդուեն, և մենք այնտեզ գնացինք։ Ասում եմ մենք, մաստր Կոպպերֆիլդ, ― ավելացրեց մրս․ Միկաբրը հուզվելով, ― որովհետև ես ոչ մի ժամանակ ամուսնուս մենակ չեմ թողնի։

Ես հիացում ու հավանություն հայտնեցի։

― Գնացինք, ― կրկնեց մրս․ Միկաբրը, ― և տեսանք Միդուեն։ Ըստ իս՝ այդ գետի քարածխի առևտրում քանքարը գուցե հարկավոր բան է, բայց դրամագլուխն անհրաժեշտ է։ Քանքար ունի մր․ Միկաբրը, բայց դրամագլուխ՝ ոչ։ Աչքի անցրինք Միդուենի գրեթե բոլոր ընթացքը, և իմ կարծիքն արդարացավ։ Այն ժամանակ մր․ Միկաբրը, հաշվելով, որ շատ ենք մոտեցել Կենտրբերիին, վճռեց, թե հիմարություն կլիներ աչքի չանցնել այս քաղաքն ու սրա անվանի մայր տաճարը չտեսնել։ Եվ եկանք, որովհետև տաճարն իրավ տեսնելու արժանի շինություն է, որ մենք երբեք չէինք տեսել, և երկրորդ՝ շատ հավանական կարծեցինք, թե եպիսկոպոսանիստ քաղաքում բախտը մեզ կժպտա։ Ահա երեք օր է՝ այստեղ ենք, բայց դեռ ժպիտ չենք տեսել, և դուք, սիրելի մաստր Կոպպերֆիլդ, հարկավ այնքան չեք զարմանա, որքան կզարմանար մի ուրիշ մարդ, եթե ասեմ, որ այժմ մենք փող ենք սպասում Լոնդոնից, որպեսզի կարողանանք մեր պարտքը վճարել այս պանդոկին։ Մինչ սպասված գումարի գալը, ― ասաց մրս․ Միկաբրը մեծ հուզումով, ― ստիպված եմ հեռու մնալ իմ տանից (ուզում եմ ասել մեր Պենտընվիլի բնակարանից), և կարոտ որդուս, դստրիկիս և երկվորյակներիս տեսության։

Ամենաջերմ կարեկցություն զգացի դեպի նեղն ընկած ընտանիքը և ցավ հայտնեցի ներս մտնող մր․ Միկաբրին, որ նրանց պետքերին բավելու չափ արաթ չունեմ։ Մր․ Միկաբրի պատասխանը նրա սրտի ալեկոծման ամենապարզ ապացույցն էր։ Նա աջս սեղմեց և ասաց․

― Կոպպերֆի՛լդ, դուք մեր ճշմարիտ բարեկամն եք։ Թշվառության հետին ծայրին հասած մարդն էլ միշտ մի ընկեր կգտնի, որ պատրաստ կլինի առաջարկել նրան․․․ գոնե մի հատ ածելի։

Այս սոսկալի ակնարկությունը լսելուն պես մրս․ Միկաբրը մարդու պարանոցին փարվեց և աղաչեց նրան, որ հանդարտվի։ Մր․ Միկաբրը լաց եղավ, բայց և իսկույն ինքն իրեն այնքան տիրեց, որ զանգակը հնչեցնելով սպասավորին կանչեց և հետևյալ օրվա ճաշի համար լյարդի պուդինգ պատվիրեց և մի ափսե կարիտոս։

Երբ ուզում էի հեռանալ, ամուսինները շատ խնդրեցին ինձ, որ հետևյալ օրը, իրենց մեկնելուց առաջ, իրենց հետ ճաշեմ․ չէր կարելի խնդիրը մերժել։ Բայց որովհետև այդ օրը ես շատ զբաղմունք պիտի ունենայի և դժվարանայի ճաշին հասնել, մր․ Միկաբրը որոշեց անձամբ առավոտյան դոկտոր Ստրոնգի պանսիոնը գալ (նա վստահ էր, որ մինչև այն ժամանակ փողն արդեն եկած կլինի) և խնդրել ինձ, որ գոնե երկրորդ օրը շնորհ անեմ նրանց սեղանին։ Եվ այսպես առավոտյան ինձ դասարանից դուրս կանչեցին և հյուրասենյակում ես մր․ Միկաբրին գտա, որը ինձ հայտնեց, թե ճաշը վաղվա օրը տեղի կունենա, և նա ինձ կսպասի։ Երբ հարցրի նրան, թե արդյոք սպասած դրամն ստացե՞լ է, ոչ մի բան չպատասխանեց, այլ միայն աջս սեղմեց ու հեռացավ։

Նույն օրվա երեկոյան դեմ, մինչ պատուհանից դուրս էի նայում, շվարելով տեսա, որ մր․ Միկաբրը և Ուրիաս Հիպը թև֊թևի տված անցում են․ Ուրիասը խոնարհաբար շնորհակալ, որ իրեն այդպիսի պատիվ են անում, իսկ մր․ Միկաբրը երջանիկ, որ կարող է հովանավոր հանդիսանալ Ուրիասին։ Սակայն իմ զարմանքը ավելի մեծ եղավ, երբ հաջորդ օրը ժամը չորսին ճաշելու համար պանդոկ գնալիս նույն իսկ Միկաբրից իմացա, որ նա նախորդ երեկոյան Ուրիասի մոտ է եղել և մրս․ Հիպից հարգվել։

― Պիտի ասեմ ձեզ, սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― որ ձեր բարեկամ Ուրիաս Հիպը մի այնպիսի երիտասարդ է, որ մի օր կարող է ատենական փաստաբան դառնալ։ Եթե ես դրամական ճգնաժամիս ժամանակ ճանաչած լինեի այդ պարոնին, հավաստի եմ, որ պարտատերերիս գործն ավելի լավ կվերջանար։

Չհասկացա, թե ինչպե՞ս ավելի լավ կվերջանար, քանի որ մր․ Միկաբրը իր պարտատերերից և ոչ մեկին մի պեննի անգամ չէր վճարել, սակայն ավելորդ համարեցի բան հարցնել։ Զգուշացա նաև հարցնել, թե ի՞նչ է խոսել Ուրիասի հետ, և իմանալ, թե հատկապես ի՞նչ է ասել իմ մասին։ Զգուշացա, որովհետև վախենում էի, թե այսպիսի հարցումներով մր․ Միկաբրի և մանավանդ մրս․ Միկաբրի զգայուն սիրտը կվշտացնեմ․ այնինչ ես շատ անհանգիստ էի և հետո էլ շատ էի մտածում մր․ Միկաբրի և Ուրիասի տեսակցության մասին։

Ճաշը փառավոր էր։ Մեզ տվին լավ պատրաստված ձկնեղեն, խորոված հորթի միս և երիկամունք, տապակած թարմ երշիկ, կաքավ և պուդինգ։ Էյլն ու գինին առատ էին։ Ճաշից հետո մր․ Միկաբրը մի֊մի թաս պունշ առաջարկեց մեզ։

Մր․ Միկաբրը վերին աստիճանի զվարթ էր․ ոչ մի ժամանակ այդքան ուրախ չէի տեսել նրան։ Պունշից երեսը կարմրել ու պսպղում էր, կարծես ջնարակով ծածկված լիներ։ Նա հիացած էր մեր քաղաքով և մի սրտագին բաժակ առաջարկեց Կենտրբերիի բարգավաճության համար, ասելով թե այդտեղ ինքն էլ, մրս․ Միկաբրն էլ ամեն դրություն ու հարմարություն վայելեցին, ուստի և մեր քաղաքում անցկացրած զվարճալի ժամերը երբեք չպիտի մոռանան։ Հետո առաջարկեց իմ արևշատության բաժակը, և այս առիթով նա, մրս․ Միկաբրն ու ես մեր բարեկամության հին օրերը հիշեցինք և այն բոլոր իրերը, որ մի առ մի վաճառված կամ գրավ էին դրված իմ ձեռքով։ Այնուհետև ես ոտքի ելա և դիմելով մրս․ Միկաբրին, հետևյալն ասացի համեստաբար․

― Եթե թույլ տաք, արգո տիկին, այժմ կցանկանայի հատկապես ձեր կենաց բաժակը պարպել։

Այս առթիվ մր․ Միկաբրը մի պերճախոս ներբող նվիրեց մրս․ Միկաբրին, անվանելով նրան հավատարիմ ընկեր, իմաստուն խորհրդակից, փիլիսոփա, և խորհուրդ տվեց ինձ, երբ ես էլ պսակվելու հասակ առնեմ, մի այնպիսի հարսնացու ընտրեմ, որ ամեն բանով մրս․ Միկաբրին նման լինի, թեև դժվար է նմանը ճարել։

Քանի պունշը պակասում էր, այնքան մր․ Միկաբրի սիրտը բացվում ու ցնծում էր։ Վերջապես մրս․ Միկաբրն էլ բորբոքվեց, և բոլորս միասին սկսեցինք Լենգ Սայն նավորդի երգը երգել, և երբ հասանք այն քառյակին ուր ասված է․ «Աջդ տուր ինձ, ազնիվ ընկեր», իրար աջ մեկնեցինք, իսկ երբ հասանք «Քաջ համարձակ առաջ գնա» խոսքերին, արդեն մեր ոգևորությունը չափ չուներ։

Կարճ ասած, ես օրումս մի ուրիշ մարդ չէի տեսել, որ այնպես սրտանց ուրախ լիներ, ինչպես որ մր․ Միկաբրը մինչև ճաշի վերջին րոպեն, երբ ես մտերմաբար հրաժեշտ առա նրանից ու նրա սիրարժան տիկնոջից։ Ուստի բնական է, որ չէի պատրաստված հաջորդ առավոտյան ժամը յոթին հետևյալ նամակն ստանալու, որ երեկոյան իննուկեսին էր գրված, այսինքն՝ իմ մեկնելուց քառորդ ժամ հետո։


«Իմ սիրելի թանկագին բարեկամ․


Վիճակը ձգված է, ամեն բան վերջացած։ Օրհասական վշտերս կեղծ բերկրության դիմակի տակ ծածկելով, այս երեկո չհայտնեցի ձեզ, թե այլևս Լոնդոնից փող ստանալու ամենևին հույս չկա։ Այս պարագաների մեջ, որոնց մասին մտածելն անգամ մարդու համար նվաստություն է, ուր մնաց կրելը կամ գրելը, ես ստիպվեցի մի մուրհակ տալ հյուրանոցին, պարտավորվելով երկու շաբաթ անցնելուց հետո պարտքս վճարել։ Պենտընվիլ կայարանում, Լոնդոն։ Երբ այդ մուրհակը ներկայացվի, հատուցող չի լինի։ Հետևանքը կործանումն է։ Շանթի հարվածը մոտալուտ է, և ծառը պիտի տապալվի։

Թող այս տողերի թշվառ հեղինակի օրինակը, սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, մի զգուշարար փարոս լինի ձեզ համար։ Այս է նրա միակ փափագը և հույսը, որ հայտնում է ձեզ ներկա գրով։ Եթե նա ձեզ սույն գրությամբ որևէ օգուտ տված լինի, այն ժամանակ նրա կյանքի խավարամած բանտի մեջ գուցե լույսի մի նշույլ թափանցի, թեև այդ կյանքի երկարությունը (առնվազն ասելով) վերին աստիճանի անստույգ է թվում նրան։

Այս վերջին գիրն է, իմ սիրելի Կոպպերֆիլդ, որ ստանում եք։

Ձեր չարաբախտ և թշվառ

Ուիլկինս Միկաբրից»։

Այս աղեկեզ նամակի բովանդակությունից սարսափած՝ ես շտապ պանդոկ վազեցի, որպեսզի գեթ մի սփոփանքի խոսք ասեմ մր․ Միկաբրին։ Սակայն կես ճանապարհին դիմացս ելավ Լոնդոն գնացող մի դիլիժանս, որի վերևի նստարանի վրա բարեկամներիս բազմած տեսա։ Մր․ Միկաբրը կարծես լիովին երջանիկ էր․ նա մրս․ Միկաբրի պատմությանը ականջ դնելով, զվարթ֊զվարթ կաղին էր կրծում ու ժպտում, իսկ վերարկուի գրպանից մի շշի վիզ էր նշմարվում։ Տեսնելով, որ նրաք չեն նկատում ինձ, լավ համարեցի չերևալ նրանց։ Սրտիս վրայից կարծես մի բեռ վայր ընկավ, թեթևություն զգացի, և շուռ եկա դոկտոր Ստրոնգի վարժարանը գնալու։ Ես գոհ էի, որ բարեկամներս մեկնեցին, թեև շատ էի սիրում նրանց։


ԺԸ․ գլուխ

Մի հայացք անցյալի վրա


Դպրոցական օրեր։ Աննկատելի, անզգալի հոսանքով լռիկ անցաք պատանեկության տարիներ, ո՞ւր գնացիք, անհետացաք․․․ Ուզում եմ մի հայացք գցել այդ ջրառատ գետի վրա, որ այժմ դարձել է չոր տերևներով ծածկված մի դաշտ, և տեսնել, թե ի՞նչ հետքեր կգտնեմ, որոնք կարողանային նրա անցյալ ընթացքը հիշեցնել ինձ։

Ահա տեսնում եմ ինձ Կենտրբերիի մայր տաճարում, ուր ամեն կիրակի խմբով գնում ենք վարժարանից։ Տաճարում տիրող հողի հոտը, անարև օդը, աշխարհիս հոգսերից բոլորովին զատված լինելուս խորհրդավոր զգացումը, սև ու սպիտակ կամարների ներքև ու սյուների միջև ընթացող երգեհոնի թնդյունը, ― ահա այն թևերը, որոնք ինձ դեպի ետ են թռցնում և թույլ տալիս անցյալիս վրա սավառնել մի կիսարթուն ու կիսաթմբիր դրության մեջ։

Ես աշակերտներից վերջինը չեմ դոկտոր Ստրոնգի վարժարանում։ Մի քանի ամսում արդեն շատերից առաջ եմ անցել։ Սակայն առաջին աշակերտը դեռ այնպես հզոր, այնպես վեհ էակ է, որ նրա բռնած բարձր դիրքին մոտենալը անգամ գլխիս պտույտ է պատճառում։ Ագնեսն ասում է, թե մի օր ես էլ, որ դեռ մի թույլ սկսնակ եմ, այդ բարձրունքին կհասնեմ․ իսկ ես շարունակ պնդում եմ, որ նա չգիտի՝ թե ինչ անհուն գանձ է դիզել, ինչ գիտություն է ամբարել այն հրաշալի էակը։ Էդեմսն իմ մտերիմ ընկերն է, բայց հանրածանոթ պաշտպանը չէ, ինչպես Ստիրֆորթն էր․ այնուամենայնիվ հարգում եմ նրան և նրա ձիրքերով հիանում։ Շատ անգամ հարցնում եմ ինձ․ ի՞նչ կդառնա Էդեմսը դոկտոր Ստրոնգի մոտ իր ուսումն ավարտելուց հետո, և արդյոք աշխարհիս երեսին գեթ մի պաշտոն կգտնվի՞, որ նա չկարողանա ձեռք բերել։

Սակայն այս ո՞ւմ պատկերն է երևան գալիս աչքիս առջև։ Դա իմ սիրած միս Շեփըրդի պատկերն է։

Միս Շեփըրդը աշակերտուհի է միս Նետտինգելի պանսիոնում։ Ես պաշտում եմ միս Շեփըրդին։ Նա դեռ փոքր է և սպենսրով[18] է ման գալիս․ նա կլորիկ դեմք ունի և վշագույն գանգուրներ։ Միս Նետտինգելի աշակերտուհիները նույնպես գալիս են եկեղեցի։ Ես չեմ կարողանում աղոթագրքիս նայել․ աչքերս հառած են միս Շեփըրդին։ Խմբերգի ժամանակ միայն նրա ձայնն է ականջիս հնչում։ Աղոթք անելիս միս Շեփըրդի անունն եմ հիշում և թաքուն մտցնում արքայի տան հիշատակության մեջ։ Տուն եմ գալիս և սենյակիս մեջ հափշտակությամբ հառաչում․ «Օ՜, միս Շեփըրդ, միս Շեփըըդ»։

Մի քանի ժամանակ միս Շեփըրդի զգացումների մասին շատ երկմիտ եմ․ բայց վերջապես կասկածներս փարատվում են․ մենք իրար հանդիպում ենք պարի դպրոցում։ Ես պարում եմ միս Շեփըրդի հետ․ շոշափում եմ միս Շեփըրդի ձեռնոցը և մի տեսակ սարսուռ զգում, որ աջ թևիս միջով սահում անցնում է մինչև գլխիս մազերի ծայրը։ Ոչ մի քնքուշ ու քաղցր խոսք չեմ ասում միս Շեփըրդին, բայց մենք իրար հասկանում ենք։ Միս Շեփըրդն ու ես իրար համար ենք ստեղծված և նրա համար ենք միայն ապրում, որ ժամանակին միանանք․․․

Կուզենայի, սակայն, իմանալ, թե ինչո՞ւ գաղտուկ տասներկու հատ բրազիլական կաղին եմ տալիս միս Շեփըրդին։ Դրանք սիրո թարգման հանդիսանալու բաներ չեն․ դժվար են փաթաթվում ծրարի մեջ․ այնքան էլ կարծր են, որ մինչև անգամ դռների արանքում հազիվ են ջարդվում․ շատ էլ ձիթոտ են․ բայց սիրտս վկայում է, թե նրանք միս Շեփըրդին վայել պարգև են։ Թարմ֊թարմ բիսկվիտներ, անթիվ անհամար նարինջներ էլ տանում եմ ես միս Շեփըրդին։ Մի օր ես նրբանցքի մեջ համբյուր եմ տալիս միս Շեփըրդին։ Օ՜հ, ինչ բերկրանք։ Բայց և ի՜նչ հուսահատություն, ինչ զայրույթ հետևյալ օրը, երբ շշուկ է տարածվում թե միս Նետտինգելը հրամայել է միս Շեփըրդին անկյունում կանգնել այն պատճառով, որ նա կադրիլի չգիտեմ որ մասում ծուռ էր բռնել ոտքը։

Քանի որ միս Շեփըրդը երազներիս ու մտքերիս միակ առարկան է, ինչպե՞ս է լինում, որ նրա հետ գժտվում եմ։ Չեմ հասկանում։ Սառնությունը սաստկանում է մեր միջև։ Լուր են բերում ինձ, թե միս Շեփըրդն ասել է, թե ուրախ կլինի, եթե ես միշտ ակնապիշ չնայեմ իրեն․ հետո լուր ստացա, թե նա ավելի Ջոնսին է սիրում, քան թե ինձ ― Ջոնսին, որ մի անշնորհք տղա է։ Այս արդեն անտանելի է։ Միս Շեփըրդի և իմ միջև անդունդ է բացվում։ Վերջապես մի օր զբոսանքի ժամանակ պատահում եմ միս Նետտինգելի ամբողջ պանսիոնին։ Միս Շեփըրդը մոտովս անցնելիս քիթն ու բերանը ծռմռում է ու ծիծաղում, ընկերուհուն նայելով։ Վերջացավ։ Ես պատրաստ էի ամբողջ կյանքս զոհել նրան, և հանկարծ․․․ Այլևս միս Շեփըրդն աղոթքներիս մեջ չի հիշվում, և արքայի տոհմը նրա հետ այլևս կապ չունի։

Հոգուս խաղաղությունը այլևս ոչ ոք չի վրդովում, և ես արագ առաջ եմ գնում ուսման մեջ։ Միս Նետտինգելի աշակերտուհիների վրա արդեն բնավ ուշադրություն չեմ դարձնում։ Թող նրանք թվով երեք անգամ ավելի լինեն և ամեն մեկը միս Շեփըրդից քսան անգամ ավելի սիրուն․ ինձ ի՞նչ փույթ։ Անտանելի է ինձ այդ պարի դպրոցը, և ես զարմանում եմ, թե ինչո՞ւ այդ փոքրիկ աղջիկները չեն կարողանում իրար հետ պար գալ և բոլորովին մեզ հանգիստ թողնել։ Ես արդեն լավ լատիներեն ոտանավորներ եմ շարադրում և կոշիկներիս փայլի մասին միանգամայն անհոգ եմ։ Դոկտոր Ստրոնգը հրապարակավ վկայում է, թե լավ հույսեր տվող պատանի եմ։ Մր․ Դիկը հրճվանքից գրեթե գժվում է, և տատս մի ոսկի է ուղարկում ինձ հետևյալ փոստով։

Ահա Մակբեթի սաղավարտավոր ուրվականի պես իմ առջև մի երիտասարդ մսագործի գլուխ է բարձրանում։ Ո՞վ է այդ երիտասարդ մսագործը։ Դա Կենտրբերիի բոլոր տղաների ահ ու սարսափն է։ Առասպել կա, թե մազերին քսված եզան ճարպից նա մի գերբնական ուժ է ստանում և կարող է մինչև անգամ ըմբիշների հետ մենամարտել։ Նա մի լայներես, կարմրադեմ, թիկնավետ, ցլավիզ մսագործ է՝ նենգամիտ ու չարալեզու։ Այդ լեզվի գլխավոր գործն է այպանել ու անարգել դոկտոր Ստրոնգի աշակերտներին։ Նա հրապարակավ ասում է, թե պատրաստ է եթե կամենանք, ամենքիս դմփել։ Մեզնից շատերի, ինչպես և իմ անունը տալով, նա լրբաբար ասում է, թե ամեն մեկիս մի ձեռքով կարող է ջարդել, անգամ եթե իր մյուս ձեռքը մեջքին ամուր կապած լինի։ Նա մեր փոքրիկ ընկերներին դարան մտած սպասում է, որ բռնի նրանց ու մազերը քաշքշի։ Արդեն մի քանի անգամ ինձ հենց փողոցի մեջտեղում կռվի է կանչել։ Ահա այս բոլոր պատճառներով ես վճռել եմ կռվի դուրս գալ մսագործի դեմ։

Ամառվա երեկո է․ մենամարտի ասպարեզը մի կանաչ փոս է, պատի տակ։ Այնտեղ եմ գտնում մսագործին։ Ինձ ուղեկցում է աշակերտներից մի ընտիր խումբ․ մսագործի ընկերներն են՝ երկու որիշ մսագործ, մի սրճարանի սպասավոր և մի ծխանի մաքրիչ։

Կռվի պայմանները որոշելուն պես՝ ես ու մսագործը գալիս կանգնում ենք իրար դեմ։ Մի ակնթարթում մսագործը տասը հազար կայծ է թափեցնում իմ ձախ աչքից։ Մի վայրկյան ևս, և ես չգիտեմ, թե պատը որտե՞ղ է, ես ինքս որտե՞ղ եմ, ընկերներս ո՞ւր են կորել։ Չեմ էլ կարող մինչև անգամ զանազանել թե մեզնից ո՞րն է մսագործը և ո՞րն եմ ես։ Կանաչ արոտը ոտնակոխ անելով իրար հետ բռնվել ենք, և տուր, թե կտաս։ Մերթ տեսնում եմ մսագործին՝ արյունաթաթավ, բայց դեռ քաջ, մերթ ամեն բան մթնում է, և ես հևալով ընկած եմ ընկերոջս ծնկին։ Հանկարծ նորից կատաղաբար հարձակվում եմ ոսոխիս վրա, սակայն նա դեռ ժայռի նման անշարժ է։ Վերջապես ուշքի եմ գալիս․ գլուխս ծանր է ու շշմած, ասես մի տագնապալից քնից հետո։ Ահա տեսնում եմ, որ մսագործը, վերարկուն հագնելով և ընկերներից շնորհավորանք ընդունելով, հեռանալու վրա է։ Այդ անսխալ ապացույց է, որ հաղթանակը նա է տարել։

Ես տուն եմ տարվում ողորմելի դրության մեջ․ աչքերիս վրա հում միս են դնում, մարմնիս քացախով օղի են քսում․ վերին շուրթս այլանդակ կերպով ուռչում է։ Երեք֊չորս օր տանն եմ նստում, աչքերիս տակ կապտել է, ամբողջ դեմքս ահռելի է։ Ես սաստիկ կձանձրանայի, եթե ինձ համար Ագնեսը քույր չլիներ․ նա ինձ խնամում է, վշտակցում և զանազան բաներ կարդում․ նրա շնորհիվ ժամանակն արագ անցնում է, և ես երջանիկ եմ։ Ագնեսի առջև գաղտնիք չունեմ․ պատմում եմ նրան մսագործի անիրավությունը և մեր ընդհարումը։ Ագնեսի կարծիքն էլ այն է, որ ես չէի կարող ուրիշ կերպ վարվել, բայց միայն մենամարտել մսագործի հետ, թեև դողում ու սոսկում է խիզախությանս վրա մտածելիս։

Աննկատելի կերպով սահել֊անցել են ամիսներ և տարիներ, և այժմ վարժարանի առաջին աշակերտը Էդեմսը չէ։ Նա վաղուց արդեն ուսումն ավարտել է, և երբ երբեմն այցելություն է անում դոկտոր Ստրոնգին, ինձնից զատ շատ քչերն են ճանաչում նրան։ Էդեմսը շուտով փաստաբան կդառնա և կեղծամ կհագնի դատարանում։ Զարմանալի է թվում ինձ, որ նա համեստ է և բնավ ազդեցիկ ու վեհական ձևեր չունի։ Նա դեռ չի դղրդացրել աշխարհը, որովհետև (որքան գիտեմ) աշխարհը իր կարգով է գնում և կարծես չի էլ լսել, թե ով է մր․ Էդեմսը։

Ահա մի դատարկ տեղ, ուր անհամար գնդերով անցնում են պատմության ու բանաստեղծության սպարազեն ախոյաններ, ― իսկ հետո՞։ Ես եմ առաջին աշակերտը դոկտոր Ստրոնգի դպրոցում։ Որքան մանր ու ցածր դասարանի մանուկները։ Սակայն ես հպարտ չեմ և գլուխս պտույտ չի գալիս այն բարձունքի վրա, որ երբեմն ինձ անմատչելի էր թվում։ Ի սրտե կարեկից եմ փոքրերին և ամեն մի նորեկ աշակերտ հիշեցնում է ինձ, որ ես էլ դպրոց մտնելիս մի այդպիսի տղա էի։ Օ՜հ, որքան հեռու է այն ժամանակը․․․ փոքրիկ Կոպպերֆիլդը կարծես ուրիշ էակ էր․ հիշում եմ, որ ես նրան ետ եմ թողել կյանքի լայն ճամփի վրա, միայն անցել եմ նրա մոտով, և նա ինձ օտար է։

Իսկ ո՞ւր է այն փոքրիկ աղջիկը, որին տեսել էի մր․ Ուիկֆիլդի տունը մտնելուս առաջին օրը։ Նա էլ չկա։ Նրա տեղ ամբողջ տունը կառավարում է մի էակ, որ դահլիճում կախված կենդանագրին միանգամայն նման է, բայց և այլևս մանուկ չէ։ Ագնեսը, սիրելի քույրս, ինչպես որ անվանում եմ նրան մտքիս մեջ, ― իմ խորհրդակիցը, իմ ընկերը, ամեն մարդու իր հեզիկ, առաքինի, անշահասեր ազդեցությանը ենթարկող բարի հրեշտակը, ― այժմ արդեն մի օրիորդ է։

Ես էլ արդեն հասակ եմ առել, դեմքիս գծերը որոշվել են, գլխիս մեջ գիտության ճոխ պաշար եմ ամբարել։ Բացի այս՝ ոսկե շղթայով ժամացույց եմ կրում, ճկույթիս վրա մատանի, ֆրակ հագած եմ ման գալիս և սաստիկ շատ պոմադ քսում մազերիս, ― մի սովորություն, որ մատանու հետ միասին առած բարեգուշակ նշան չէ։ Մի՞թե նորից սիրահար եմ։ Այո՛։ Ես պաշտում եմ ավագ միս Լարկինսին։

Ավագ միս Լարկինսը փոքրիկ աղջիկ չէ։ Նա մի բարձրահասակ, թխադեմ, սևաչյա ազնիվ օրիորդ է։ Երեխա անվանել չի կարելի ավագ միս Լարկինսին, որովհետև փոքր միս Լարկինսն անգամ այդ հասակից անցել է, իսկ մեծը նրանից երեք֊չորս տարով մեծ կլինի։ Ավագ միս Լարկինսը գուցե կլինի մոտ երեսուն տարեկան։ Իմ սերը դեպի նա անսահման է։

Ավագ միս Լարկինսը սպաների հետ է ծանոթ։ Այս մի սարսափելի, անտանելի հանգամանք է։ Տեսնում եմ, որ նրանք շատ անգամ փողոցում օրիորդի հետ խոսում են։ Տեսնում եմ, որ նրանք օրիորդի պայծառ գլխարկը նշմարելուն պես, որ քրոջ գլխարկին շատ նման է, հեռվից արդեն շտապում են դիմավորել նրան։ Նա ծիծաղում է, խոսակցում և կարծես հաճույք ստանում այդ բանից։ Ազատ ժամանակի մեծ մասը ես զբոսանքի եմ նվիրում, որ կարողանամ հանդիպել նրան մի որևէ տեղ։ Ամբողջ օրով երջանիկ եմ, եթե գեթ մի անգամ ողջունեմ նրան (ողջունելու իրավունք ունեմ, որովհետև ծանոթ եմ հոր հետ)։ Երբեմն էլ նա է ինձ իր ողջյունին արժանացնում։ Ահա ավագ միս Լարկինսը սպաների հետ պար է գալիս նրանց ակումբի հանդեսում․ ո՞վ կարող է նկարագրել այն գիշեր կրած տանջանքս, և աշխարհիս երեսին արդյոք կա՞ արդարություն, որ վարձատրեր ինձ դրա փոխարեն։

Սերը ախորժակս փախցնում է և ստիպում ինձ միշտ մետաքսե ու միշտ նոր փողկապներ կրել։ Ես հանգիստ չեմ, մինչև որ հագուստներից ամենալավը չհագնեմ և կոշիկներս հարյուր անգամ մաքրել չտամ։ Այն ժամանակ ինձ թվում է, թե ավելի եմ արժանի դառնում միս Լարկինսին մոտենալու։ Ամեն բան, ինչ որ պատկանում է օրիորդին և կամ նրա հետ կապ ունի, ինձ համար թանկագին է։ Նրա ծեր հայրը, մր․ Լարկինսը, որ մի խոժոռադեմ ջենտլմեն է կրկնակի կզակով, և երկու աչքից միայն մեկը կարող է շարժել, ― հայտնապես բարեհաճ է դեպի ինձ։ Եթե չեմ հաջողում օրիորդին պատահել, աշխատում եմ գոնե հորը հանդիպել։ Եվ երբ ասում եմ նրան «Բարով ձեզ, մր․ Լարկինս։ Ինչպե՞ս են ձեր օրիորդներն ու ընտանիքը», ձայնս այնպես է դուրս գալիս, որ երեսս ակամա կարմրում է։

Անդադար մտածում եմ հասակիս մասին։ Դեռ տասնյոթ տարեկան եմ։ Այս հասակը գուցե փոքր թվա ավագ միս Լարկինսին, սակայն ի՞նչ փույթ։ Չէ՞ որ շուտով քսանմեկն էլ կլրացնեմ։ Երեկոները միշտ ման եմ գալիս մր․ Լարկինսի տան առջև, թեպետ սիրտս կեղեքվում է, երբ տեսնում եմ սպաների ներս մտնելը և դահլիճում խոսելը, ուր ավագ միս Լարկինսը քնար է ածում այդ միջոցին։ Հյուրերն արդեն ցրված են, մոմերը մարած․ իսկ ես դեռ տխուր֊տխուր ման եմ գալիս տան շուրջը, փափագելով իմանալ՝ արդյոք ո՞րն է միս Լարկինսի ննջարանը։ Ես ուզում եմ, որ հանկարծ տունը հրդեհվի, ամեն կողմից խուճապած մարդիկ հավաքվեն։ Այն ժամանակ ես, ահաբեկ բազմությունը ճեղքելով, սիրեկանիս պատուհանին սանդուղք կդնեմ, ներս կնետվեմ, կփրկեմ նրան գրկիս մեջ, նորից կբարձրանամ նրա իրեղեններից որևէ բան ազատելու, և հերոսական մահ կգտնեմ բոցերում։ Սերս տակավին շահամոլ չէ․ ես գոհ կլինեի, եթե միս Լարկինսը, գեթ մի հայացք ձգեր վրա, տեսներ ինձ, և ապա մեռնեի։

Սակայն զգացումներս միշտ այդքան անշահասեր ու մռայլ չեն․ երբեմն տեսնում եմ և անձնական երջանկության երազներ։ Ահա շուտով Լարկինսենց տանը մի շքեղ պարահանդես կլինի, և արդեն երեք շաբաթ է, որ դրան եմ սպասում։ Հայելու առջև զուգվելիս, որ միշտ երկու ժամ է տևում, ինձ թովչական ցնորքներ են հրապուրում։ Երևակայում եմ, թե հանկարծ վրաս քաջություն է գալիս միս Լարկինսին սերս հայտնելու։ Նա գլուխն ուսիս վրա խոնարհելով ասում է․ «Օ՜հ, մր․ Կոպպերֆի՛լդ, արդյոք հավատա՞մ ականջներիս»։ Առավոտյան ինձ մոտ է գալիս մր․ Լարկինսը և ասում․ «Մր․ Կոպպերֆի՛լդ, աղջիկս ամեն բան խոստովանեց։ Ձեր հասակն ամենևին չի արգելում։ Հոժար եմ ձեր ամուսնությանը։ Ահա ձեզ քսան հազար ֆունտ ստեռլինգ։ Երջանիկ եղեք»։ Տատս գորովելով օրհնում է մեզ, մր․ Դիկը և դոկտոր Ստրոնգը ներկա են մեր պսակի հանդեսին։ Ես մի համեստ և կարծեմ խոհեմ պատանի եմ, ― գոնե թվում եմ ինձ, թե էի, ― բայց և դարձյալ այսպիսի բաներ են մտքովս անցնում։

Գնում եմ դյութական տունը, որ լույսով, քրքիջով, ծաղիկներով, երաժշտությամբ, և, ափսո՜ս, ապաներով լիքն է, և հոյակապ դահլիճի մեջ տեսնում եմ ավագ Լարկինսին, որ շողշողուն գեղեցկությամբ նսեմացնում է ամեն բան։ Նա կապույտ զգեստով է և մազերի մեջ անմոռուկներ է ցցել։ Ի՞նչ կարիք ունի միս Լարկինսը անմոռուկներ կրելու․ ո՞վ կարող է գեթ մի անգամ տեսնել նրան և մոռանալ։

Կյանքումս առաջին անգամն է, որ հրավիրված եմ ներկա լինել հասակավորների երեկույթին։ Ես քաշվում եմ, որովհետև ոչ մի խմբի չեմ պատկանում, ոչ ոք էլ կարծես ուշադրություն չի դարձնում վրաս։ Միայն մր․ Լարկինսն է, որ մոտենալով հարցնում է ինձ, թե փոքրիկ ընկերներն ինչպե՞ս են․ մի հարցմունք, որ կարող էր և չանել։ Մի՞թե եկել եմ վիրավորանք լսելու․․․

Մի որոշ ժամանակ դռան մոտերքում կանգնած եմ մնում, պաշտած դիցուհուս դիտելով, և ահա, վերջապես, նա ինքն է մոտենում ինձ․․․ ինքն ավագ միս Լարկինսը, և թովչական ձայնով հարցնում․

― Պարո՞ւմ եք, մր․ Կոպպերֆիլդ։

― Ձեզ հետ՝ այո, միս Լարկինս, ― թոթվում եմ գլուխ տալով։

― Միայն ինձ հե՞տ։

― Ձեզնից զատ՝ ուրիշ մեկի հետ չէի ուզի պարել։

Միս Լարկինսը ժպտում ու կարմրում է (գոնե կարծում եմ, թե կարմրում է) և ասում․

― Ուրեմն հետևյալ պարին, եթե կամենաք։ Այս անգամ ես հրավիրված եմ։

Րոպեն գալիս է։ Մոտենում եմ միս Լարկինսին։

― Կարծեմ վալս է, ― հարցնում է ինձ վարանելով միս Լարկինսը։ ― Վալս պարո՞ւմ եք, եթե ոչ՝ գնդապետ Բեյլին․․․

Սակայն ես պարում եմ վալս մինչև անգամ բավական լավ, և տանում եմ միս Լարկինսին։ Ես նրան գնդապետ Բեյլիի կողքից հպարտ֊հպարտ հեռացնում եմ։ Գիտեմ, գնդապետը տանջվում է, բայց ինձ ինչ։ Մի՞թե ես քիչ եմ տանջվել։ Բռնում եմ ավագ միս Լարկինսի ճապուկ իրանից ու նրա հետ միասին պտույտ գալիս․․․ չգիտեմ որտե՞ղ, որո՞նց միջև, մինչև ե՞րբ։ Գիտեմ միայն, որ մի կապույտ հրեշտակի հետ տարածության մեջ ծածանվում եմ, երջանկությամբ բորբոքված, հմայված, զմայլված, սքանչացած, մինչև որ նա և ես նստում ենք մի բազմոցի վրա։ Մենք մենակ ենք մի փոքրիկ սենյակում։ Նա հիանում է ֆրակիս լամբակի ծաղկով (դա մի կարմիր ճապոնական քամելիա է, գինն է երեք շիլինգ): Ամենայն սիրով տալիս եմ նրան այդ ծաղիկը և ասում․

― Բայց սրա փոխարեն, միս Լարկինս, կցանկանայի մի անգին բան պահանջել։

― Իրա՞վ, և ի՞նչ, ― հարցնում է միս Լարկինսը;

― Մի հատ ծաղիկ ձեր փնջից։ Ես նրան այնպես կպահեմ, ինչպես որ ագահն՝ իր ոսկին։

― Շատ համարձակ տղա եք, ― ասում է միս Լարկինսը։ ― Ահա ստացեք։

Նա, կարծեմ հաճությամբ, շնորհում է ինձ մի ծաղիկ։ Ծաղիկը դնում եմ շրթունքիս, հետո սրտիս վրա թաքցնում։ Միս Լարկինսը ծիծաղելով իր թևն է տալիս ինձ և ասում․

― Այժմ ինձ գնդապետ Բեյլիի մոտ տարեք։

Դեռ չեմ սթափվել այդ վալսի և հոգեզմայլ դեմառդեմի հրճվանքից, և ահա միս Լարկինսը նորից գալիս է ինձ մոտ մի հասակավոր ջենտլմենի հետ թևանցուկ, որ ամբողջ երեկո վիստ էր խաղացել, և ասում․

― Ահա համարձակ բարեկամս։ Մր․ Չեստլը կամենում է ծանոթանալ ձեզ հետ, մր․ Կոպպերֆիլդ։

Գուշակում եմ, որ ջենտլմենը օրիորդի տան բարեկամն է, և շատ գոհ եմ։

― Շատ գովում եմ, սըր, ձեր ճաշակը, ― ասում է ինձ մր․ Չեստլը։ ― Դա ձեզ անշուշտ պատիվ է բերում։ Եթե այդքան ծաղկասեր եք, խնդրեմ մի օր շնորհ արեք իմ կալվածքը գալ, որ Էշֆորդի մոտերքն է։ Այնտեղ շատ ծաղիկներ կան և մանավանդ գայլուկի բույս, որ ես սիրով մշակում եմ։

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մր․ Չեստլին և նրա աջն ամուր սեղմում։ Այս բոլորը մի երանական անուրջ է թվում ինձ։ Դարձյալ մի անգամ վալս եմ պարում ավագ միս Լարկինսի հետ։ Նա ասում է, թե ես լավ եմ վալս պարում։ Վերադառնում եմ դեպի տուն մի անասելի երջանկությամբ թևավորված և ամբողջ գիշեր երազիս մեջ պարում եմ, սիրելի դիցուհուս կապույտ իրանին փաթաթված։ Մի քանի օր շարունակ ցնորվածի պես եմ․ սակայն ոչ մի տեղ չեմ հանդիպում միս Լարկինսին, ո՛չ փողոցում, ո՛չ էլ տանը։ Սկսում եմ նորից մաշվել, նորից տանջվել, և կիսաթառամ անմոռուկը՝ այս սրբազան գրավականը, շատ քիչ է սփոփում ինձ։

― Տրոտուդ, ― ասում է մի օր ճաշից հետո, Ագնեսը։ ― Գիտե՞ք , ով է վաղը մարդու գնում։

― Չգիտեմ, բայց կուզեի իմանալ։

― Մեկը, որին պաշտում եք։

― Այդ ո՞վ է, Ագնես։ Դո՞ւք հո չեք։

― Ե՞ս, ― ասում է Ագնեսը ժպտալով։ ― Լսո՞ւմ ես, հայրիկ, ի՞նչ է ասում Տրոտուդը․․․ Ո՛չ, ես չեմ, այլ միս Լարկինսը, ավագը։

― Եվ գնում է․․․ Բե՞յլի գնդապետին, ― հարցնում եմ համարյա թե շնչասպառ։

― Ո՛չ, գնդապետին չէ, այլ մր․ Չեստլին, որ գայլուկ մշակող կալվածատեր է Էշվորդում։

Ես երկու շաբաթ շարունակ չարաչար ընկճված ու վհատված եմ։ Այլևս ճկույթիս վրա մատանի չկա, նոր շորերս պահված են, էլ մազերս արջի ճարպով չեն օծվում, և ես շուտ֊շուտ հառաչում եմ միս Լարկինսի ծաղկի վրա, որ արդեն թառամել է։ Վերջապես այսպիսի կյանքից ձանձրանում եմ և մսագործ տղայից մենամարտի նոր հրավեր ստացած լինելով, ծաղիկը դեն եմ շպրտում, ուղիղ թշնամուս դեմ եմ գնում և այս անգամ առոք֊փառոք ջարդում նրան։

Նորից սկսում եմ մատանի հագնել և նորից արջի ճարպը հանդես է գալիս, թեև չափավոր քանակությամբ․ ահա սրանք են վերջին հիշատակներս իմ տասնվեցամյա հասակից, որոնք դեռ մնացել են մտքիս մեջ։

ԺԹ․ գլուխ

Շուրջս նայելով մի գյուտ եմ անում


Հաստատ չգիտեմ, ուրա՞խ էի, թե՞ տրտում, երբ աշակերտությանս վերջին օրերը մոտեցան և դոկտոր Ստրոնգից բաժանվելուս վկայականը հասավ։ Ես շատ երջանիկ էի նրա տանը, շատ էի սիրում դոկտորին և վերջապես մի հայտնի, նշանավոր անձ էի մեր փոքրիկ դպրոցական աշխարհում։ Այս պատճառով ցավում էի, որ պիտի հեռանամ վարժարանից․ բայց կային և այնպիսի պատճառներ, որոնք թեև անհիմն էին, բայց ինձ գոհ լինելու առիթ էին տալիս։ Ես հրապուրվել էի այն ոգևորիչ գաղափարով, թե արդեն մի անձնիշխան էակ եմ, տոգորված էի յուրաքանչյուր ընթերցավարտ երիտասարդի մեծամտությամբ և հույսերով, թե ահա ես իբրև մի զարմանահրաշ արարած, երևելի բաներ պիտի գործեմ և իմ սքանչելի ազդեցությամբ ամբողջ ազգս հիացնեմ։ Այս ցնորքների թովչությունը պատանեկան մտքիս վրա այն աստիճան զորեղ էր, որ ես վարժրարանից բաժանվելիս այնքան տխրություն զգացի, ինչքան որ բնականաբար պիտի զգայի իմ այսօրվա համոզմաբ։ Այս հրաժեշտը մյուսների նման վրաս չազդեց։ Զուր եմ ճգնում մտաբերել, թե ի՞նչ էի զգում այդ միջոցին և մեկնելս ինչպե՞ս տեղի ունեցավ․ սակայն ոչ մի հիշատակելու արժանի բան չեմ գտնում։ Ենթադրում եմ, թե առջևս բացվող հեռապատկերը միանգամայն մտքերս շփոթել էր։ Գիտեմ, որ անցյալ մանկությանս փորձերը բնավ բանի տեղ չէի դնում, և կյանքը մի դյութական հրաշավեպ էր թվում ինձ, որ նոր պիտի սկսեի կարդալ, ― ուրիշ ոչինչ։

Տատս ու ես երկար խորհրդակցություններ ունեցանք, թե ինչպիսի ասպարեզ ընտրեմ։ Մի տարուց ավելի է, որ ջանում էի մի բավարար պատասխան տալ նրա հաճախ կրկնած հարցին, թե «Ի՞նչ կոչում պիտի ընտրես»․ սակայն մի որոշ կոչման համար սրտիս մեջ ոչ մի հակում չէի գտնում։ Երբեմն մտածում էի՝ վատ չէր լինի, եթե մի գերբնական ներշնչումով նավարկության արվեստին հմտանայի և իբրև մի սրընթաց նավի նավապետ աշխարհի շուրջը պտտվեի, փառավոր գյուտեր անելով․ բայց որովհետև մի այդպիսի գերահրաշ ներշնչում չունեի, ստիպված էի մի ուրիշ ասպարեզով բավականանալ, որ իմ տատից դրամական մեծ զոհաբերություն չպահանջեր, և պարտքս այդ ասպարեզում կատարել, ինչ էլ լիներ այդ պարտքը։

Մր․ Դիկը մեր խորհուրդներին միշտ ներկա էր ամենազգոն լրջամտությամբ։ Նա միայն մի անգամ համարձակվեց կարծիք հայտնել, և (չգիտեմ թե ի՞նչ էր անցել մտքով) հանկարծ առաջարկեց, որ ես կաթսայագործ դառնամ։ Այդ առաջարկից տատս այնպես դժգոհ մնաց, որ մր․Դիկը այլևս սիրտ չարեց երկրորդ անգամ որևէ կարծիք հայտնել, այլ գրպանի արծաթները հնչեցնելով, լուռ սպասում էր, թե տատիկս ի՞նչ կասի։

― Գիտե՞ս՝ ինչ կա, սիրելի Տրոտ, ― ասաց տատս մի առավոտ, ծննդյան տոների միջոցին, ― որովհետև այս դժվար խնդիրը դեռ չենք լուծել և պետք է զգուշանալ, որ սխալ չանենք, ուրեմն շտապելու փոխարեն՝ լավ կլինի փոքր֊ինչ սպասենք ու շունչ քաշենք։ Այս միջոցին դու կաշխատես խնդիրը մի նոր տեսակետից աչքի անցնել, բայց լրջորեն, և ոչ իբրև աշակերտ։

― Կաշխատեմ, տատի։

― Միտքս մի բան է ընկել, սիրելի Տրոտ, ― շարունակեց տատս։ ― Ինձ թվում է, թե քեզ համար լավ կլինի՝ գնալ փոքր֊ինչ աշխարհ տեսնել, փորձվել, կյանքի հետ ծանոթանալ․ այսպիսով մտքերդ կպարզվեն, դիտողությունդ կհասունանա։ Ի՞նչ ես կարծում։

― Միանգամայն համաձայն եմ, տատի՛կ ջան։

― Օրինակի համար, լավ չէ՞ր լինի, եթե այն հին տեղերը տեսնելու գնաս․․․ տեսնելու թեկուզ այն տարօրինակ կնոջը, որ․․․ մեղա աստծու․․․ հեթանոսական անուն ունի, ― ասաց տատս, քթի ծայրը տրորելով, որովհետև մինչ այժմ չէր հաշտվել Պեգգոտիի անվան հետ։

― Դրանից ավելի ցանկալի բան չէիք կարող հնարել, սիրելի տատի, ― գոչեցի ես։

― Շատ ուրախ եմ, եթե այդպես է, ― ասաց նա։ ― Բնական ու գովելի է, որ դու ուզում ես տեսնել նրան։ Հավաստի եմ, Տրոտ, որ ինչ էլ անես, արածդ բնական ու գովելի կլինի։

― Հուսով եմ, տատի։

― Քույրդ՝ Բեթսի Տրոտուդը, աշխարհիս ամենաբնական ու գովելի աղջիկը կլիներ։ Ուզո՞ւմ ես նրան արժանավոր հանդիսանալ։

― Հույս ունեմ ձեզ արժանավոր հանդիսանալ, տատի․ այս ինձ համար բավական է։

― Լավ է, որ խեղճ մայրդ, այն կատարյալ մանուկը, կենդանի չէ, ― ասաց տատս հաճությամբ վրաս նայելով, ― եթե ոչ՝ այժմ այնքան իր զավակով կհապարտանար, որ ունեցած խելքն էլ կկորցներ։

Տատս սովոր էր արդարացնել իր անչափ գորովը դեպի ինձ, միշտ մայրիկիս վերագրելով այդ թուլությունը։

― Այ Տրոտ, ― գոչեց տատս, ― չես կարող երևակայել, թե որքան ես մորդ հիշեցնում։ Քեզ նայելիս իսկույն նա է միտքս գալիս։

― Հուսամ թե հաճելի կերպով, սիրելի՛ տատի։

― Այնքան իր մորը նման է, Դիկ, ― շարունակեց տատս ազդու ձայնով, ― որ կարծես ահա տեսնում եմ նրան ճիշտ այնպես, ինչպես որ էր երկունքի գիշերը։ Աստված իմ, սաստիկ նման է։

― Մի՞թե նման է, ― ասաց մր․ Դիկը։

― Դավթին էլ շատ նման է, ― ասաց տատս վճռաբար։

― Դավթին էլ շատ նման է, ― կրկնեց մր․ Դիկը։

― Սակայն գիտե՞ս, Տրոտ, ― ասաց տատս, ― ես կուզեմ, որ դու ո՛չ միայն ֆիզիկապես․․․ ֆիզիկապես դու շատ սիրուն տղա ես․․․ այլև բարոյապես մի օրինակելի մարդ դառնաս, մի հաստատակամ, ձեռներեց մարդ, ― ավելացրեց տատս, գլխանոցը տատանելով և բռունցքը սեղմելով, ― մի զորեղ բնավորության տեր, առնացի ու վճռական մարդ, որ առանց հիմնավոր պատճառի ոչ ոքի և ոչ մի բանի ազդեցության չենթարկվեր։ Կցանկանայի, Տրոտ, որ այնպիսի մարդ դառնայիր, ― հաստատակամ, ինքնագլուխ, հասկացա՞ր։ Երանի թե մայրիկդ ու հայրիկդ այդպես եղած լինեին․ այն ժամանակ որքա՞ն ավելի երջանիկ կլինեին։

Պատասխանեցի նրան, թե հույս ունեմ, բնավորությունս այնպես կրթել, ինչպես ինքն է կամենում։

― Եվ որպեսզի սկսես, գոնե փոքր չափով, ինքնակամ շարժվել, սեփական ուժերիդ ապավինել, որոշել եմ, Տրոտ, որ դու մենակ ճանապարհ ընկնես։ Առաջ ուզում էի, որ մր․ Դիկն էլ ուղեկցի քեզ, բայց հետո միտքս փոխեցի․ թող նա մնա և ինձ խնամի։

Մր․ Դիկը մի վայրկյան տխրեց, բայց երբ լսեց, թե իրեն է վիճակվում աշխարհիս ամենահրաշալի տիկնոջ մասին խնամք տանելու պատիվը, դեմքն իսկույն գոհության ժպիտով զվարթացավ։

― Մանավանդ որ, ― ասաց տատս, ― նրան հարկավոր է հիշատակարանը վերջացնել։

― Այո՛, այո՛, ― շտապով հաստատեց մր․Դիկը։ ― Ես վճռել եմ, Տրոտուդ, իսկույն ևեթ վերջացնել։ Արդեն ժամանակն է։ Եվ երբ վերջանա․․․ բոլորովին վերջանա ու տպարան գնա․․․ ― ասաց մր․ Դիկը մի վայրկյան լռելուց հետո, ― այն ժամանակ․․․ մի փառավոր ձուկ կխաշենք։

Շատ չանցած՝ տատս ինձ դրամով լի մի քսակ տվեց և օրհնությամբ ճանապարհ ձգեց։ Մեկնելուս րոպեին բազմաթիվ համբյուրների հետ մի քանի խորհուրդներ էլ ստացա նրանից։ Նա կրկնեց, թե որովհետև ուղևորությանս նպատակն է աշխարհ տեսնել ու փորձվել, ուստի լավ կլինի, եթե Սուֆֆոլկ գնալիս կամ այնտեղից ետ գալիս մի քանի օր Լոնդոնում մնամ։ Նրա սելով՝ ճանապարհս կարող էր երեք շաբաթ կամ մի ամիս տևել։ Կատարյալ ազատություն էր տրվում ինձ՝ անելու ինչ որ կամենամ, միայն պայմանով, որ չորս կողմս նայելուց ու մտածելուց զատ՝ ամեն բանի մասին շաբաթը երեք անգամ լիակատար տեղեկություն գրեմ իրեն։

Ես գնացի նախ Կենտրբերի՝ Ագնեսին ու մր․ Ուիկֆիլդին, ինչպես և բարի դոկտորին մնաս բարով ասելու համար։ Ագնեսը շատ ուրախացավ ինձ տեսնելով և ասաց, թե իմ հեռանալուց հետո նրանց տունը այլևս ինքն իրեն չի նմանում։

― Ես էլ ձեզնից բաժանվելուս օրից ի վեր ինքս ինձ չեմ նմանում, ― ասացի ես։ ― Ձեզնից հեռանալով, կարծես աջ ձեռքս կորցրել եմ, Ագնես։ Ավելին կասեմ․ առանց ձեր ներկայության՝ սիրտս էլ, խելքս էլ վտանգված են։ Ամեն մարդ, որ ճանաչում է ձեզ, Ագնես, ձեզ լսում է և ձեր խորհրդին հետևում։

― Իսկ ինձ թվում է, թե բոլորն էլ ինձ երես են տալիս ― ասաց Ագնեսը ժպտալով։

― Ո՛չ, Ագնես։ Երես չեն տալիս այլ գովում են, որովհետև դուք ամենից լավն եք։ Դուք բարեսիրտ եք, հեզաբարո, միշտ մարդասեր և արդար։

― Է՜հ, ― ասաց Ագնեսը քրքջալով ու ձեռագործը շարունակելով, ― այնպես եք խոսում, կարծես թե ես միս Լարկինսը լինեի։

― Այդ ի՞նչ հանաք է, Ագնես։ Ինչո՞ւ եք մտերմությունս այդպես հեգնում, ― ասացի ես կարմրելով իմ կապույտ գերչին հիշելուց։ ― Սակայն, Ագնես, ես դարձյալ առաջվա նման սրտաբաց կլինեմ ձեր առջև․ այս բանում միշտ անփոփոխ կմնամ։ Թե վշտանամ, թե սիրահարվեմ, եթե իսկապես էլ սիրահարվեմ, ձեզ կհայտնեմ, եթե միայն թույլ տաք։

― Բայց չէ՞որ միշտ էլ իսկապես եք սիրահարվել, ― ասաց Ագնեսը նորից ծիծաղելով։

― Օ՜, այն բոլորը երեխայություն էր, աշակերտի հիմարություն, ― ասացի ես, նմանապես ծիծաղելով, թեև փոքր֊ինչ շփոթված։ ― Բայց այժմ ես աշակերտ չեմ, ժամանակը փոխվել է, և գիտեմ մի օր կգա, երբ այս կիրքն առանց կատակի սոսկալի կերպով կտիրանա իմ հոգուն։ Զարմանում եմ, Ագնես, որ ձեզ համար այդ օրը դեռ չի հասել։

Ագնեսը նորից ծիծաղեց ու գլուխը թոթվեց։

― Այո, գիտեմ, չի հասել, ― շարունակեցի ես ― եթե ոչ պարզ կասեիր ինձ, և կամ թե, ― ավելացրի, նրա շիկնելը տեսնելով, ― գուշակել կտայիք, թե հասել է։ Սակայն, Ագնես, ես չեմ ճանաչում և ոչ մի մարդ, որ ձեր սիրուն արժանի լիներ։ Անհրաժեշտ է, որ այնպիսի մեկը հանդես գա, որ իր ազնիվ բնավորությամբ ու ձիրքով իմ բոլոր ծանոթներից գերազանց լինի․ եթե ոչ՝ հավանություն չեմ տա նրան։ Այսուհետև ես սուր աչքով պիտի դիտեմ ձեր երկրպագուներին, և հավաստի եղեք, որ ով էլ ձեր ուշադրությունը գրավի, իմ խիստ քննությանը կենթարկվի։

Այսպես իրար հետ մտերմաբար խոսում էինք մեկ լուրջ, մեկ զվարթ եղանակով, ինչպես սովոր էինք անել մեր մանկության օրերին։ Սակայան Ագնեսը հանկարծ վրաս նայելով խոսելու ձևը փոխեց և ասաց․

― Տրոտուդ, մի բան պիտի հարցնեմ, որի մասին գուցե շուտով ձեզ հետ խոսելու համար առիթ չունենամ, ― մի բան, որի մասին միայն ձեզ կարող եմ հարցնել։ Արդյոք մի քանի ժամանակից ի վեր հորս մեջ փոփոխություն նկատե՞լ եք։

― Ուրեմն ասացեք՝ ի՞նչ է այդ բանը, ― ասաց նա կիսաձայն։

― Թույլ կտաք հարկավ, որ համարձակ խոսեմ։ Գիտեք հո, Ագնես, թե որքան եմ սիրում նրան։

― Այո՛, գիտեմ։

― Ինձ թվում է, Ագնես, թե նրա վրա վատ է ազդում այն սովորությունը, որ կարծես սաստկացել էր՝ ձեր տունը մտնելուցս ի վեր։ Նա շատ ջղային է դարձել․․․ գոնե այդպես եմ նկատում։

― Եվ չեք սխալվում, ― ասաց Ագնեսը, գլուխը շարժելով։

― Նրա ձեռքերը դողում են, գլուխը պարզ չէ, իսկ աչքերը ահարկու են։ Ես նկատել եմ, որ հատկապես այն ժամանակ են գործի համար նրա մոտ գալիս, երբ նա տկար է և գործ տեսնելու անձեռնհաս։

― Եվ եկողն Ուրիասն է, ― ասաց Ագնեսը։

― Այո՛։ Զգալով, որ այդպիսի ժամանակ որևէ գործ լավ քննել և կամ իր վիճակն ուրիշների աչքից թաքցնել անհնարին է, բնականաբար տանջվում է․ հետևյալ օրն այդ տանջանքը սաստկանում է, երրորդ օրը ավելի, և սյսպես է առաջ գալիս նրա լքումն ու թախիծը։ Մի՛ վրդովվեք, Ագնես, սակայն դեռ անցյալ երեկո էր, որ ես նրան այդ դրության մեջ գտա։ Գլուխը սեղանին դեմ տված՝ երեխայի պես լաց էր լինում։

Դեռ խոսքս չէի ավարտել, երբ Ագնեսն իր մատը շրթունքին դրեց և նույն րոպեին վերկենալով վազեց հորը դիմավորելու։ Դահլիճի դռան մոտ նրանք իրար համբուրեցին և երկուսն էլ վրաս նայեցին։ Ագնեսի հայացքը շատ սրտաշարժ էր։ Նրա աչքերը ջերմ երախտագիտություն ու գորով էին արտահայտում դեպի որդեսեր, հոգատար հայրը և մի աղերս դեպի ինձ՝ հոր նկատմամբ ներողամիտ լինելու և չկշտամբելու նրան ո՛չ խոսքով, ո՛չ էլ մտքով։ Նա պարծենում էր իր հորով, պաշտում նրան և միևնույն ժամանակ մորմոքվելով կարեկցում նրա ցավին։ Ոչ մի լեզու չէր կարող ավելի լավ հասկացնել ինձ այդ զգացմունքները և օրիորդի վստահությունը իմ համակրության վրա, քան նրա մնջիկ հայացքը։

Այդ օրը մենք դոկտորի մոտ էինք կանչված։ Գնացինք երեկոյան թեյի ժամին և նրան գրասենյակում, վառարանի առջև նստած գտանք․ այնտեղ էին և նրա նորատի կինն ու զոքանչը։ Իմ փոքրիկ ուղևորությունը Չինաստան գնալու պես բան երևաց դոկտորին։ Նա ինձ մի արգո հյուրի նման ընդունեց և սպասավորին ասաց, որ նոր փայտ գցի կրակի մեջ․ ուզում էր պարզ տեսնել իր նախկին աշակերտի երեսը։

― Այլևս շատ նոր դեմքեր տեսնելու չեմ մեր հեռացող Տրոտուդի տեղ, սիրելի Ուիկֆիլդ, ― ասաց դոկտորը, ձեռքերը տաքացնելով։ ― Արդեն սկսել եմ ծուլանալ և հանգստության կարոտ եմ։ Հետևյալ կիսամյակին մտադիր եմ ուրիշ մարդու հանձնել աշակերտներիս և ավելի խաղաղ կյանք վարել։

― Այո՛, դոկտոր, արդեն տասը տարի է, որ կրկնում եք միևնույնը, ― նկատեց մր․ Ուիկֆիլդը։

― Այո՛, կրկնել եմ, բայց այս անգամ անպատճառ ասածս պիտի կատարեմ, ― ավելացրեց դոկտորը։ ― Վարժարանիս ավագ ուսուցիչը կհաջորդի ինձ․․․ արդեն վերջացած բան համարեցեք այս։ Ձեզ կմնա մեր պայմանները մի օրինական դաշնագրով վավերացնել և մեզ իրար հետ այնպես կապել, ինչպես կապում են կասկածելի անձերին։

― Եվ հոգալ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ― որ դուք ծուղակի մեջ չընկնեք։ Այսպես էլ անշուշտ կլինի, եթե պայմանագիրը միայն ինքներդ շարադրեք։ Լավ ուրեմն, ես կպատրաստեմ։ Երանի թե պաշտոնիս մեջ դրանից վատ գործ չունենայի։

― Այնուհետև ինձ ուրիշ բան չի մնա անել, ― ասաց դոկտորը ժպտալով, ― քան միայն բառարանը շարունակել․․․ և դարձյալ մի պարտք կատարել, որ բառարանից էլ կարևոր է․․․ չէ՞, Աննի։

― Մրս․ Ստրոնգը թեյի սեղանի առջև էր նստած Ագնեսի հետ։ Երբ մր․ Ուիկֆիլդը նրա վրա նայեց, նա շփոթվելով ու վարանելով խույս տվեց ծերունու զննող հայացքից և այսպիսով նրա ուշադրությունը ավելի գրավեց։

― Կարծեմ այս օրերս Հնդկաստանից մի նամակաբեր նավ է եկել, ― ասաց մր․ Ուիկֆիլդը կարճատև լռությունից հետո։

― Այո՛, այո, և նամակներ կան միստր Ջոն Մելդընից, ― ասաց դոկտորը։

― Իրա՞վ։

― Խեղճ Ջոն, ― մեջ բերեց մրս․ Մարկլհեմը, գլուխը շարժելով։ ― Օ՜հ, ինչ սարսափելի կլիմա է։ Ասում են, թե մարդիկ այնտեղ հրեղեն ավազի վրա են ապրում և գրեթե կիզիչ հայելու տակ։ Ջոնը թեև պնդակազմ էր երևում, բայց իրոք այդպես չէր։ Այս զոհաբերությունը հանձն առնելիս, սիրելի դոկտոր, նա ավելի իր հոգեկան զորությանն էր ապավինել, քան թե մարմնի ամրությանը։ Ահա Աննին էլ կհաստատի, որ մորեղբորորդին բնավ ուժեղ չէր, ― ասաց մրս․ Մարկլհեմը տաքանալով և մի առ մի աչքի անցնելով բոլորիս։ ― Դու հո լավ գիտես, հոգյակ իմ Աննի, որ Ջոնը մանկության ժամանակ էլ ուժեղ չէր, երբ դուք միասին թև֊թևի տված ամբողջ օրերով զբոսնում էիք կամ խաղում։

Աննին պատասխան չտվեց այդ խոսքերին։

― Ուրեմն, տիկին, ձեր ասածից պետք է հետևեցնել, թե մր․ Մելդընը հիվանդ է, չէ՞, ― հարցրեց մր․ Ուիկֆիլդը։

― Հիվա՞նդ, ― գոչեց Հին Զինվորը։ ― Ո՛չ, սըր, միայն մի բառով չի կարելի նրա վիճակը բացատրել։

― Հիվանդ չէ, բայց առողջ էլ չէ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։

― Այո՛, առողջ էլ չէ, ― կրկնեց Հին Զինվորը։ ― Մեզ հայտնի է, որ նա շատ անգամ արևհար է եղել, երկու֊երեք անգամ ճահճային ջերմ ստացել և սարսափելի ցավեր քաշել այն վտանգավոր աշխարհում։ Իսկ գալով լյարդին, արդեն ճանապարհ ընկնելիս նա իր լյարդը քայքաել էր։

― Այդ բոլորը նա՞ է գրել ձեզ, ― հարցրեց մր․ Ուիկֆիլդը։

― Նա՞։ Ո՛չ, սըր, ― գոչեց մր․ Մարկլհեմը։ ― Դուք երևի շատ սակավ եք ճանաչում նրան, որ այդպիսի բան եք հարցնում։ Ջոն Մելդընը նամակ գրի՞։ Ո՛չ, սըր։ Չորս կատաղի ձիու պոչից էլ որ կապեն նրան ու քաշ տան, դարձյալ նամակ չի գրի։

― Մայրիկ, ― ասաց մրս․ Ստրոնգը։

― Սիրելի Աննի, ― նկատեց մայրը, ― եթե չես կամենում իմ խոսքերը հաստատել, մեկ ընդ միշտ խնդրում եմ՝ գոնե մի ընդհատիր ինձ։ Դու ինքդ լավ գիտես, որ Ջոնը ավելի հոժար կլինի գետնաքարշ ձգվել տարվել չորս ամեհի ձիերից․․․ բայց ինչո՞ւ եմ միայն չորս ասում, ոչ թե ութ, տասնվեց, երեսուներկու, անթիվ անհամար ձիերից, քան մի այնպիսի բան անել, որ դոկտորի կամքին հակառակ լիներ։

― Այսինքն՝ Ուիկֆիլդի կամքին, ― ասաց դոկտորը, երեսը շոյելով և բարեկամի վրա ներողամիտ հայացք ձգելով։ ― Կամ՝ երկուսիս կամքին ու դիտումներին։ Ես միշտ ասում էի՝ «Անգլիայում կամ դուրսը»։

― Իսկ ես ասում էի՝ «դուրսը», ― հարեց մր․ Ուիկֆիլդը լրջությամբ։ ― Ես էի խորհուրդ տալիս, որ նա հայրենիքից հեռացվի, և ես եմ պատասխանատու այս բանի համար։

― Ահ, ո՞վ է պատասխանատվության մասին բան ասում, ― ասաց Հին Զինվորը։ ― Տարակույս չկա, սիրելի մր․ Ուիկֆիլդ, որ ամեն բան լավ էր արված, ազնիվ և բարի մտքով արված։ Բայց եթե խեղճ երիտասարդը չի կարող այնտեղ ապրել, ասել է, թե նրան չի կարելի այնտեղ ապրել։ Եվ եթե չի կարելի այնտեղ ապրել, նա լավ կհամարի այնտեղ մեռնել, քան դոկտոր Ստրոնգի դիմումներին հակառակ գնալ։ Ես լավ եմ ճանաչում Ջոն Մելդընին, ― շարունակեց Հին Զինվորը, մարգարեական ոգևորությամբ հովհարը շարժելով, ― և հավաստի եմ, որ նա հազարապատիկ լավ կհամարի այնտեղ մեռնել, քան դոկտորի դիմումները հեղաշրջել։

― Լավ է, լավ, տիկին, ― ասաց դոկտորը զվարթությամբ։ ― Ես այնքան մոլեռանդ չեմ, որ չկարողանամ դիտավորությունս փոխել և մի ուրիշ բան մտածել։ Եթե մր․ Ջոն Մելդընը տկարության պատճառով վերադառնա, թույլ չենք տա նրան նորից հեռանա Հնդկաստան և կաշխատենք, որ այս երկրում նրա համար մի լավ պաշտոն գտնվի։

Այս ազնիվ և հարկավ անսպասելի ճառի իմաստից մրս․ Մարկլհեմը այն աստիճան հուզվեց, որ ուրիշ բան չգտավ անել, քան միայն վկայել, թե դոկտորն իրոք վեհանձն մարդ է, և մի քանի անգամ հովհարը համբուրել ու ապա ծայրով նրա ձեռքը շոշափել։ Այնուհետև նա Աննին թեթև հանդիմանեց, թե ինչո՞ւ նա անտարբեր է, մինչ դոկտորը այնքան առատ բարիք է զեղում նրա մանկության ընկերի վրա։ Այս էլ որ վերջացավ, մրս․ Մարկլհեմը հիշատակեց իր գերդաստանի մյուս արժանավոր անդամներին, որոնց միայն փոքր ի շատե օգնել պետք էր, որպեսզի բոլորն էլ երևելի մարդիկ դառնային։

Մրս․ Ստրոնգը ոչ միայն ոչինչ չասաց այս բոլորի դեմ, այլ աչքերն անգամ չբարձացրեց։ Մր․ Ուիկֆիլդը նրան անդադար դիտում էր մտքերի մեջ, որ կարծես չէր էլ մտածում, թե իրեն էլ դիտող կա։ Վերջ ի վերջո հարցրեց, թե հատկապես ո՞ւմ և ի՞նչ է գրել Ջոն Մելդընը իր մասին։

― Ահա, տեսեք, ― ասաց մրս․ Մարկլհեմը, մի նամակ վերցնելով վառարանի դարակից, որի ներքև դոկտորն էր նստած, ― խեղճը շիտակ գրում է դոկտորին, թե․․․ որտե՞ղ է այդ․․․ ահա գտա։ Գրում է․ «Ցավոք սրտի պիտի հայտնեմ, թե առողջությունս սաստիկ վտանգված է և որ գուցե ստիպված լինեմ առժամանակ վերադառնալ Անգլիա, որովհետև, բժիշկների ասելով, այս է միայն ապաքինվելու միջոցը»։ Խեղճ երիտասարդ։ Ապաքինվելու միակ միջոցը, միակ հուսը հայրենիքն է։ Կարծեմ այս բավական պարզ է։ Սակայն Աննիին գրած նամակը ավելի պարզ է։ Հապա նամակը ցույց տուր, Աննի։

― Ո՛չ այժմ, մայրիկ, ― ասաց մրս․ Ստրոնգը թույլ ձայնով։

― Ինչո՞ւ ոչ այժմ, ― հարցրեց մրս․ Մարկլհեմը։ ― Մի քանի պարագաներում դու շատ խենթ ես, սիրելիս, և վերին աստիճանի անտարբեր ազգականներիդ շահերին։ Այդ ինչի՞ նման է։ Կարծեմ նամակի գոյությունն անգամ չէինք իմանա, եթե ես ինքս չհարցնեի։ Քո կարծիքով, հոգյակ իմ, մի՞թե այդ նշանակում է հավատարիմ լինել դոկտոր Ստրոնգին։ Զարմանում եմ։ Սակայն դու գիտես։

Մրս․ Ստրոնգն ակամա նամակը հանեց, և երբ ես նամակն առի նրա մորը տալու համար, նկատեցի, որ տվող ձեռքը դողում է։

― Ահա այժմ կտեսնենք, թե ի՞նչ է գրում, ― ասաց մր․ Մարկլհեմը, ակնոցը աչքին դնելով։ ― «Հին օրերի հիշատակը, սիրելի Աննի»․․․ և այլն։ Չէ, այս չէ։ «Պետք է ասել, որ ծեր ու բարեսիրտ պրոկտորը»․․․ ո՞վ է այս պրոկտորը։ Ա՜հ, Աննի, ինչպես վատ է գրում քո մր․ Մելդընը և որքան հիմար եմ ես․․․ պրոկտոր չէ «դոկտոր»։ Իրավ որ բարեսիրտ դոկտորը։ Հարկավ բարեսիրտ։

Այստեղ մրս․ Մարկլհեմը փոքր֊ինչ կանգ առավ, նորից հովհարը համբուրեց, ծայրը դոկտորի կողմը ճոճելով, որ այդ միջոցին գոհ ժպիտով մեզ վրա էր նայում։

― Ահա գտա, ինչ որ պետք է։ Լսեցեք։ «Դու, իհարկե, չես զարմա, սիրելի Աննի․․․ իհարկե չի զարմանա, քանի որ գիտե, որ Ջոնը երբեք մի քաջառողջ մարդ չի եղել․․․ «չես զարմանա, եթե իմանաս, որ այս երկրում անթիվ չարչարանք կրելուցս հետո՝ վճռել եմ, համենայն դեպս հիվանդության պատճառով արձակուրդ առնել, եթե տան, իսկ եթե չտան՝ բոլորովին պաշտոնս թողնել։ Անտանելի է, ինչ որ կրել եմ և դեռ կրում եմ այս հեռավոր աշխարհում։ Եվ եթե այս պատվական մարդը չլիներ, ― ավելացրեց մրս․ Մարկլհեմը, իր հեռագրական նշանները դոկտորի հասցեին կրկնելով ու նամակը ծալելով, ― ես կվերադառնայի այդ բոլորի մասին մտածելուց։

Մր․ Ուիկֆիլդը ոչ մի բառ չարտասանեց, և թեպետ պառավ տիկինը նրան նայելով սպասում էր թե նամակի մասին ի՞նչ կասի, նա լուռ նստած էր, աչքերը ներքև սևեռած։ Վաղուց արդեն սկսել էին ուրիշ նյութերի մասին խոսել, բայց նա նույն մտածկոտ դրության մեջ էր մնում, միայն մեկ֊մեկ խոժոռ նայելով դոկտորի կամ նրա կնոջ վրա և կամ երկուսին էլ միասին։

Դոկտորը երաժշտություն սիրող էր։ Ագնեսը նստեց դաշնամուրի մոտ և մի քանի բան երգեց ջերմ զգացումով․ հետո երգեց մրս․ Ստրոնգը։ Հետո սկսեցին միասին երգել ու նվագել, և մենք մի փոքրիկ համերգ վայելեցինք։ Այդ միջոցին ես երկու բան նկատեցի․ նախ այն, որ թեև Աննին ինքն իրեն շուտով տիրեց և առաջվա պես զվարթացավ, բայց թե նրա ու մր․ Ուիկֆիլդի միջև անդունդ կա, որ բոլորովին նրանց բաժանում է, երկրորդ՝ որ մր․ Ուիկֆիլդը կարծես դժգոհ է Ագնեսի մտերմությունից Աննիի հետ և անհանգստությամբ է նայում այդ բանի վրա։ Պիտի ասեմ, որ մր․ Ջոնի մեկնելու երեկույթին իմ նկատած բաները հիշելով, նրանք իմ աչքում հանկարծ մի այնպիսի իմաստ ստացան, որպիսին մինչև այժմ մտքովս էլ չէր անցել։ Աննիի անմեղ գեղեցկությունը այլևս անմեղ չէր թվում ինձ, ինչպես առաջ, և նայելով նրա կողքին նստած իրոք անմեղ, պարզ ու մաքուր Ագնեսին, ասում էի ինձ, թե դրանք երկուսն իրար հարմար ընկեր չեն։

Սակայն երկուսն էլ այնքան զվարթ էին, որ նրանց շնորհիվ երեկոն մի րոպեի պես անցավ։ Միայն վերջը մի փոքրիկ դեպք պատահեց, որ երբեք չպիտի մոռանամ։ Երբ որ նորատի կանայք իրարից հրաժեշտ էին առնում և Ագնեսը վերկենալով ուզում էր մրս․ Ստրոնգին համբուրել, մր․ Ուիկֆիլդը իբր թե անգիտաբար գնաց երկուսի միջև կանգնեց ու արագ հեռացրեց աղջկան։ Այդ րոպեին կարծես նորից մրս․ Ստրոնգի երեսի վրա այն խորհրդավոր արտահայտությունը նշմարեցի, որ տեսել էի նրա ազգական երիտասարդի ճանապարհ ընկնելու գիշերը։ Այժմ էլ նա միևնույն հայացքով էր նայում դոկտոր Ստրոնգին։

Չեմ կարող ասել, թե այդ հայացքը ի՞նչ տպավորություն գործեց վրաս, ոչ էլ մեկնել, թե ինչո՞ւ հետո մրս․ Ստրոնգին հիշելիս չէի կարողանում այդ հայացաքը մոռանալ և նրա դեմքն նախկին անմեղ սիրալիրությամբ պատկերացնել։ Անհանգիստ սրտով վերադարձա իմ սենյակը։ Այն հայացքի հիշատակը հալածում էր ինձ։ Ինձ թվում էր, թե մի սևաթույր ամպ է կախված դոկտոր Ստրոնգի տան վրա։ Հարգելով և սիրելով նրա ալիքը, ցավում էի, որ նրա ազնիվ սիրտը հավատ է ընծայում դավաճաններին, և սաստիկ զայրանում նրա խարդախ մերձավորների վրա։ Գուշակում էի, իհարկե, դեռ անորոշ կերպով, որ շատ չանցած մի ահագին վիշտ, մի անարգանք պիտի հասնի այն հանգիստ տան, ուր ես աշխատել ու խաղացել էի, իբրև մանուկ, և անջնջելի արատ դնի նրա վրա։ Այլևս ինձ համար զվաճություն չէր մտաբերել լայնատերև հալվեները, որոնք հարյուր տարում մի անգամ են ծաղիկ տալիս, ոչ էլ կանաչ ու հարթ գետինը, ոչ էլ քարե սափորները, ոչ էլ դոկտորի ճեմելիքը, ոչ էլ մայր եկեղեցու զանգակների դաշնակավոր հնչյունը, որ տարածվում էր բոլորի վրա։ Ասես թե մանկությանս անդորր սրբարանը պղծվել էր և նրա խաղաղությունն ու պատիվը քամիներին մատնվել։

Առավոտյան պիտի բաժանվեի այն հին տանից, որ ինձ համար Ագնեսի բարի ազդեցությամբ լի էր, և բոլոր մտքերս այդ հրաժեշտին էին նվիրված։ Անշուշտ նորից կվերադառնամ, և գուցե շուտով․ գուցե դարձյալ ննջարանիս մեջ կգիշերեմ, բայց և այնպես երջանկությանս օրերն անցել են և այլևս ես այդ սիրելի տան բնակիչը չեմ։ Սիրտս տրտում էր, մինչ դարսում էի մնացած գրքերս ու շորերս, որ պետք էր Դուվր ուղարկել, և աշխատում էի վիշտս ծածկել Ուիրաս Հիպից․ նա մեծ եռանդով օգնում էր ինձ․ կարծես ուրախ էր, որ մեկնում եմ։

Ագնեսից ու նրա հորից բաժանվելիս շատ էի ուզում արիասիրտ երևալ, բայց ջանքերս զուր եղան։ Ես նստեցի Լոնդոն գնացող դիլիժանսի վերևի մասում։ Հրաժեշտի վշտից սիրտս այնքան էր փափկացել, որ պատրաստ էի, քաղաքովն անցնելիս, գլուխ տալ անգամ իմ ոխերիմ թշնամուն՝ մսագործին, և հինգ շիլինգ գինու փող շպրտել նրան։ Բայց նա այնպես դաժան երևաց ինձ ահագին դանակով խանութի կոճղը քերելիս և դեմքն այնպես այլանդակված առջևի մեկ ատամը կորցնելուց (որը ես էի կռվում փշրել), որ լավ համարեցի ոչ մի հաշտության քայլ չանել, ― և հինգ շիլինգը գրպանումս մնաց։

Երբ քաղացից դուրս գալով մեծ ճամփու վրա ոտք դրինք, ամենից առաջ կամեցա կառավարին ցույց տալ, որ ես արդեն տղամարդ եմ, և բամբ ձայնով սկսեցի խոսել նրա հետ։ Վերջին փորձը շատ դժվար էր, բայց աշխատում էի թավ ձայն հանել, կարծելով, թե չափահաս ջենտլմենին ուրիշ կերպ խոսել անվայել է։

― Դուք ուղղակի Լոնդո՞ն եք գնում, սըր, ― հարցրեց կառապանը։

Այո, Ուիլյամ, ― ասացի ես զիջողաբար (նա ինձ փոքր֊ինչ ծանոթ էր)։ ― Գնում եմ Լոնդոն, այնտեղից էլ Սուֆոլկ կգնամ։

― Երևի թե որսորդություն անելու, սըր, ― ասաց կառապանը։

Անտարակույս նա լավ գիտեր, որ տարվա այդ եղանակին որսի գնալը միևնույն էր թե կետ բռնելու գնայի, բայց նրա հարցնելը դուր եկավ ինձ, և ես իբր թե անորոշ եղանակով ասացի․

― Դեռ չգիտեմ, գուցե մի երկու հրացան պարպեմ։

― Ասում են, թռչունները երկչոտ են դարձել, ― ասաց Ուիլյամը։

― Ես էլ եմ այդպես լսել։

― Դուք սուֆոլկի՞ց եք, սըր։

― Այո՛, սուֆոլկցի, ― ասացի ես ծանրությամբ։ ― Սուֆոլկը իմ ծննդավայրն է։

― Լսածիս նայելով՝ այնտեղի դըմպլինները[19] շատ համեղ են, ― ասաց Ուիլյամը։

Այդ մասին ոչ մի բան չգիտեի, բայց անհրաժեշտ համարելով բարձր պահել իմ նահանգի հռչակը և ցույց տալ, թե լավ եմ ծանոթ նրա հետ, ասացի․

― Չեք սխալվում։

― Իսկ պընչերը[20] ― հարցրեց Ուիլյամը։ ― Ա՜յ հրաշալի ձիեր։ Սուֆոլկի մեկ պընչը իր ծանրության չափ ոսկի արժի։ Դուք ինքներդ, սըր, պընչի ձիեր չե՞ք պահել։

― Ո՛չ, առիթ չեմ ունեցել։

― Ահա հետևդ նստած է մի ջենտլմեն, ― շարունակեց Ուիլյամը, ― որ այդպիսի ձիեր հարյուրներով է պահում։

Ջենտլմենը մի շիլ, անդուրեկան, սրադունչ պարոն էր, գորշագույն բարձր ու նեղեզր գլխարկով և սաստիկ նեղ տաբատով։ Նրա կզակը Ուիլյամի ուսին էր հենված և ինձ այնպես մոտիկ էր, որ շունչը ծոծրակիս էր դիպչում, և երբ ես գլուխս շուռ տվի, նա շիլ աչքը խփեց և մյուսովը ձիերին նայեց մի բանիմաց մարդու նման։

― Այնպես չէ՞, ― ասաց Ուիլյամը։

― Ի՞նչն այնպես չէ, ― հարցրեց հետևի ջենտլմենը։

― Որ դուք հարյուրավոր պընչեր եք պահում Սուֆոլկում։

― Հարկավ, ― ասաց մյուսը։ ― Ձիու ու շան տեսակ չկա, որ ես չպահեմ ու չմարզեմ։ Կան մարդիկ, որոնց համար ձիերն ու շները միայն զվարճություն են։ Իսկ ինձ համար հաց ու ջուր են, բնակարան, կին, ընտանիք, զավակներ, ուսում, թվաբանություն ու հաշիվ, քթախոտ ու ծխախոտ, վերջապես քուն։

― Ա՜յ քեզ մարդ։ Չէ՞որ այսպիսի մարդուն վայել չէ մեր հետևը նստել, ― քչփչաց Ուիլյամը ականջիս և երասանը շարժեց։

Այդ նկատողությունից իմացա, որ նա կցանկանար իր կողքին նստած տեսնել պարոնին, և կարմրելով առաջարկեցի իմ տեղը։

― Եթե միայն ձեզ անախորժ չի թվա, սըր, այդպես ավելի լավ կլինի, ― ասաց Ուիլյամը։

Այս դեպքը ես միշտ համարել եմ իմ առաջին անկումը կյանքի ասպարեզում։ Փոստի գրասենյակում դիլիժանսի տեղ վերցնելիս՝ ես հստակ գրել էի տվել գրքի մեջ անվանս ներքև՝ «առաջին բարձր տեղը» (Box Seat), և վճարել կես ոսկի։ Ես հագել էի նոր վերարկու, հետս առել մի նոր պլեդ, որպեսզի այդ վեհավայր նստարանին պատիվ բերեմ․ ես պարծենում էի նրանով։ Եվ հանկարծ, հենց ճանապարհի սկզբին, ինձ խաբում է մի շիլկանի գռեհիկ մարդ, որի արժանիքը վրայից փչող ախոռի հոտն էր։

Ինձ հատուկ էր մի տեսակ անվստահություն դեպի իմ անձը, մի տեսակ կասկած, որ ինձ շատ էր վնասել կյանքիս մանր դիպվածներում։ Կենտրբիի դիլիժանսի դեպքը հարկավ չէր կարող նվազեցնել բնությանս այդ հատկությունը։ Զուր էի հնչյունս սաստկացնում, զուր էի աշխատում կրծքիս խորքից բամբ ձայն հանել․ այս բոլորը պետք չեկավ։ Ես զգում էի, որ չարաչար հաղթված եմ և դեռ անչափ տհաս եմ։

Այնուամենայնիվ, հետաքրքիր ու հաճելի էր ինձ՝ լավ հագնված, լավ կրթված, լիաքսակ երիտասարդիս, քառաձի դիլիժանսի վերևը նստել և շուրջս նայելով այն տեղերը մտաբերել, ուր մի ժամանակ քնել էի տառապալից ուղևորությանս միջոցին։ Մտքերս բավական սնունդ էին գտնում ճանապարհի յուրաքանչյուր մղոնի վրա, և անցվոր շրջմոլիկներին նայելիս միտքս էին գալիս կասկածելի հայացքները և ես նորից զգում էի պղնձագործի սև բռունցքը, որ ուզում էր շապիկս պատռել։ Չետեմի նեղ փողոցներով անցնելիս աչքիս դիպավ ժակետս գնող հրեշի որջը, և ես գլուխս տնկեցի այն անկյունը տեսնելու, ուր փողիս սպասելով ամբողջ ժամեր նստել էի մերթ արևի տակ, մերթ ստվերի մեջ։ Իսկ երբ Լոնդոնին մոտեցանք և հասանք Սալեմ Հաուսին, ուր հեծում էի մր․ Կրիկլի անագորյուն բազկի տակ, ես պատրաստ էի ներքև ցատկել և ամեն բան տալ, միայն թե կարենայի այդ չար մարդուն մի լավ ծեծել, ազատել նրա բոլոր աշակերտներին՝ վանդակափակ թռչնիկներին։

Իջանք Չերինգ կրոսում, Ոսկի Խաչի պանդոկը։ Սպասավորն ինձ հասարակաց դահլիճը տարավ, իսկ սպասուհին ցույց տվեց ախոռի հոտով տոգորված մի փոքրիկ ննջարան, որ գերեզմանի պես խեղդուկ ու փակ էր։ Այնտեղ էլ, ինչպես դիլիժանսում, ցավալի էր ինձ տեսնել, որ մատաղ հասակիս պատճառով ոչ ոք վրաս ուշադրություն չի դարձնում․ սպասուհին պատվերներս բնավ բանի տեղ չէր դնում, իսկ սպասավորն այնքան լիրբ էր, որ խորհուրդներ էր տալիս ինձ անփորձությանս օգենլու համար։

― Այժմ տեսնենք, ինչ կպատվիրեք ճաշի համար, ― ասաց սպասավորը համարձակ։ ― Ջահել տղայք սովորաբար հավեղեն շատ են սիրում․ մի տապակած վառեկ չէիք հրամայի։

Հպարտ֊հպարտ պատասխանեցի, թե տապակած վառեկ տեսնել անգամ չեմ ուզում։

― Իրա՞վ, ― ասաց սպասավորը։ ― Գիտեմ, որ երիտասարդ ջենտլմենները ձանձրացել են ոչխարի կամ կովի մսից։ Իսկ հորթի կոտլետին ի՞նչ կասեք։

Մի ուրիշ բան չկարողանալով մտաբերել, այդ առաջարկն ընդունեցի։

― Կարտոֆիլ սիրո՞ւմ եք, ― ասաց սպասավորը խորամանկ ժպիտով և գլուխը մի կողմ թեքեց։ ― Պատանի ջենտլմենները արդեն զզված են կարտոֆիլից։

Ամենաբամբ ձայն հանելով, հրամայեցի նրան գնալ բերել հորթի կոտլետ, կարտոֆիլ, ամեն մի բան, ինչ֊որ պետք է, և հարցնել գրասենյակում, արդյոք նամակներ չկա՞ն Տրոտուդ Կոպպերֆիլդ իսքուայրի[21] անունով։ Լավ գիտեի, որ նամակներ չկան և չեն կարող լինել, բայց չէ՞ որ նամակների սպասելը հասակավոր մարդ լինելու նշան է։

Սպասավորն իսկույն պատասխան բերեց, թե նամակներ չկան (ես, իհարկե, շատ զարմացա), և սկսեց սեղանը ծածկել։ Այս անելիս հարցրեց ինձ, թե սովորաբար ինչ գինի եմ գործածում, և լսելով «կես շիշ խերես», հարմար դատեց, կարծում եմ, զանազան շշերում մնացած հեղուկներից հավաքել այդ քանակը։ Այսպես եմ կարծում, որովհետև լրագիր կարդալիս տեսա, որ մի ցած միջնորմի մյուս կողմում, որ նրա առանձին խցիկն էր, նա զանազան շշերից բովանդակությունը մեկի մեջ էր լցնում, ինչպես որ անում են դեղագործները դեղատոմսի համեմատ։ Գինին մի անպիտան քացխած բան էր, թեև սպասավորը երդում էր անում, թե տարաշխարհի առաջնակարգ գինի է։ Նրա վկայությամբ քաջալերված, ես բոլորը պարպեցի առանց մի բան ասելու։

Այնուհետև բավական զվարթ տրամադրության մեջ լինելով (որից կարելի է հետևություն անել, թե քացխած գինին էլ օգտակար է երբեմն), որոշեցի թատրոն գնալ։ Ընտրեցի Կովենտ Գարդնի թատրոնը և այնտեղ մի օթյակի խորքից «Հուլիոս Կեսարի» ներկայացումը և մի նոր պանտոմիմ տեսա։ Չեմ կարող գրով բացատրել, թե ինչ հրաշալի և նոր հրճվանք զգացի, երբ պանծալի հռոմեացիկ, որոնք մինչև այժմ միայն լատիներեն չոր դասերի նյութ էին եղել դպրոցում, հանկարծ հոգի առնելով սկսեցին շարժվել բեմի վրա՝ ինձ զվարճություն տալու համար։ Ամբողջ հանդեսի միախառն իրականությունն ու կեղծիքը, Շեքսպիրի թովիչ լեզվի ազդեցությունը, դահլիճի պայծառ լույսը, երաժշտության հրապույրը, շքեղ հասարակությունը, սքանչելի կերպով ու հեշտությամբ իրար հաջորդող հոյակապ ու շողշողուն տեսարանները, ― այս բոլորը այն աստիճան շլացրին ինձ և իմ առջև այնպիսի անհուն վայելքների հորիզոն բացեցին, որ երբ կես֊գիշերին փողոց դուրս գալով հորդ անձրևի հանդիպեցի, ինձ այնպես թվաց, թե ամպերի վրայից, ուր կարծես մի ամբողջ դար վիպական կյանք էի վարել, գահավեժ ընկել եմ այս աղմկածուփ, թշվառ աշխարհը ― աղոտ լապտերներով, իրար հրող անձրևանոցներով, իրար ընդհարվող կոշիկներով լի աշխարհը։

Թատրոնից ելա ոչ թե մտած դռնովս, այլ մի ուրիշով, և մի քանի վայրկյան կանգնած մնացի փողոցի մեջ․ ասես թե իրոք այս աշխարհում մի օտարական լինեի․ սակայն աջ ու ձախից մշտող ու հրող բազմությունը ուշքի բերեց ինձ, և ես քայլերս դեպի Ոսկի Խաչի պանդոկն ուղղեցի, ուր մի քանի ոստրե ու պորտր վայելելուց հետո՝ երկար ժամանակ սեղանատան կրակարանի առջև նստած մնացի, նորոգելով մտքիս մեջ այն փառահեղ երազը, որ տեսել էի թատրոնում։

Արդեն գիշերվա ժամը մեկից անց էր․ ես դեռ այնքան հափշտակված էի ներկայացման պատկերներով և անցյալիս հիշատակներով ― թատրոնը կարծես մի թափանցիկ վարագույր էր, որի միջից իմ բոլոր նախկին կյանքը ցոլանում էր, ― որ չեմ էլ հիշում, թե ինչպե՞ս մի գեղեցիկ երիտասարդ ներս մտավ, որի վայելուչ, բայց անփույթ կերպով հագած հագուստը ինձ անծանոթ չպիտի լիներ։ Սակայն ուաշադրություն չդարձրի նրա վրա և շարունակում էի մտամոլոր նստած մնալ կրակի առջև։

Վերջապես վերկացա իմ սենյակը գնալու ի մեծ բավականություն քնատ սպասավորի, որ սաստիկ անհամբերությունից արդեն սկսել էլ ոտքերը տեղափոխել, իրար վրա դնել, դեսուդեն ձգել ու ծռել։ Նորեկ պարնի մոտովն անցնելիս որոշակի նրա դեմքը տեսա։ Նույն րոպեին մի երկու քայլ ետ քաշվեցի և նորից նրան մտիկ արի։ Նա ինձ չճանաչեց, ես նրան իսկույն ճանաչեցի։

Մի ուրիշ ժամանակ շատ կարելի է վստահություն չունենայի անմիջապես դիմելու նրան և կամ հաջորդ օրվան թողնեի խոսակցելու առիթը, հետևաբար և կորցնեի նրան։ Բայց թատրոնի ազդեցությամբ բորբոքված՝ ես այնպիսի երախտագիտության հակում զգացի դեպի իմ նախկին պաշտպանը և իմ հին սերը դեպի նա հոգուս մեջ այնպես բռնկվեց, որ իսկույն մոտեցա նրան և սրտատրոփ ասացի․

― Ստիտֆորթ, չե՞ս ճանաչում ինձ։

Նա մտիկ տվեց ինձ ճիշտ առաջվա հայացքով, բայց չէր կարողանում ճանաչել։

― Մի՞թե մոռացել ես ինձ, Ստիրֆորթ։

― Աստված իմ, ― գոչեց նա հանկարծ։ ― Մի՞թե սա այն փոքրիկ Կոպպերֆիլդն է։

Բռնեցի նրա երկու ձեռքը և չէի ուզում բաց թողնել։ Եթե չամաչեի ու չվախենայի նրան անհաճո երևալուց, նրա վզովը կփարվեի ու կարտասվեի։

― Օ՜հ, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք այսքան ուրախ չեմ եղել, սիրելի Ստիրֆորթ։ Որքան գոհ եմ, որ տեսնում եմ քեզ։

― Ես էլ շատ գոհ եմ, որ տեսնում եմ քեզ, ― ասաց նա, սրտանց ձեռքս սեղմելով։ ― Դե, սիրելի Կոպպերֆիլդ, բավական է այդքան հուզվես։

Կարծում եմ, սակայն, որ դժգոհ չէր, որ ես այնքան հուզված նրան նորից տեսնելով։ Ես իսկույն արտասուքս սրբեցի, որ չնայելով բոլոր ջանքերիս չէի հաջողում զսպել, և փորձեցի ծիծաղել, հետո նստեցինք իրար մոտ։

― Ասա, ո՞ր քամին է քեզ Լոնդոն բերել, ― ասաց Ստիրֆորդը, ուսիս խփելով։

― Այսօր եմ եկել Կենտրբրիի դիլիժանսով։ Այդ գավառում բնակվող տատս որդեգրեց ինձ, և ես նոր եմ ուսումս ավարտել։ Իսկ դու ինչպե՞ս ես այստեղ ընկել, Ստիրֆորթ։

― Այժմ, ինչպես ասում են, ես Օքսֆորդի ուսանող եմ, այսինքն պարտավոր եմ տարին մի քանի անգամ մահու չափ այնտեղ ձանձրանալ․ հիմա գնում եմ մորս տեսնելու։ Այս ի՜նչ սիրուն տղամարդ ես դու, ա՛յ Կոպպերֆիլդ։ Բայց երեսիդ նայելով, դարձյալ նույնն ես, ամենևին չես փոխվել։

― Ես քեզ իսկույն ճանաչեցի, ― ասացի ես։ ― Եվ ո՞վ կարող է քեզ մոռանալ։

Ստիրֆորթը ծիծաղեց և շոյեց գլխի թավ մազերը։

― Այո, ― ասաց նա զվարթ սրտով։ ― Տեսնում ես ինձ որդիական պարտքիս շաղվի վրա, որ տանում է դեպի մայրս։ Նա Լոնդոնի մոտերքումն է բնակվում, սակայն ճանապարհներն այնքան զզվելի են և մեր տան կյանքը այն աստիճան տաղտկալի, որ լավ համարեցի տուն շտապելու փոխարեն՝ քաղաքում մնալ այս գիշեր։ Արդեն վեց ժամ կլինի, որ այստեղ եմ, այդ ժամանակն էլ թատրոնում անցկացրի մրափելով։

― Ես էլ թատրոն էի գնացել, Կովընտ Գարդն։ Օ՜հ, ինչ հրաշալի ներկայացում էր, Ստիրֆորթ։

Ստիրհորթը սրտանց քրքջաց։

― Ա՜խ դու, իմ սիրելի մանուկ Դեվիս, ― ասաց նա, նորից ուսիս խփելով։ ― Մի կատարյալ դեյզի[22] ես։ Դաշտի ծաղիկն էլ արշալույսին քեզնից թարմ, քեզնից քնքույշ չի լինի։ Ես էլ Կովընտ Գարդնում էի, և կարող եմ ասել, որ օրումս ավելի թշվառ ներկայացում չէի տեսել։ Ձեզ եմ ասում, է՛յ պարոն։

Այս խոսքերն ուղղված էին սպասավորին, որ հեռվից մեծ ուշադրությամբ դիտում էր մեզ, և այժմ խորին հարգանքով մոտեցավ մեզ։

― Ո՞ր սենյակն եք տվել իմ ընկեր մր․ Կոպպերֆիլդին, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Հասկանում եմ, սըր, ― ասաց սպասավորը շփոթվելով։ ― Մր․ Կոպպերֆիլդն առայժմ քառասունչորսերորդ համարումն է, սըր։

― Ո՞ր սատանան է թելադրել ձեզ գոմի վրայի սենյակը տալ մր․ Կոպպերֆիլդին։

― Ներեցեք, սըր, չգիտեինք․․․ մր․ Կոպպերֆիլդին ճանաչելու պատիվ չունեինք, ― պատասխանեց սպասավորը կմկմալով։ ― Կարելի է, սըր, յոթանասուներկուերորդ համարն առաջարկել մր․ Կոպպերֆիլդին, եթե բարեհաճի հավանել։ Այդ համարը ձերին կից է, սըր։

― Տարակույս չկա, որ այդ համարն ավելի լավ է, ― ասաց Սթիրֆորթը։ ― Դե, գնացեք, կարգի բերեք, և իսկույն։

Սպասավորը նույն րոպեին անհետացավ՝ լսած հրամանը կատարելու։ Ստիրֆորթը շատ ծիծաղեց, որ կամեցել էին ինձ քառասունչորսերորդ համարում փակել, որ ես սիրով ու պարծանքով ընդունեցի։ Արդեն ուշ էր։ Մենք վերցրինք մի֊մի մոմ ու բարձրացանք դեպի վեր, ուր նրա դռան առջև մենք սրտանց բարի գիշեր մաղթեցինք իրար։ Իմ նոր սենյակն առաջվանից շատ լավ էր․ նրա նման մգլոտ ու խոնավ չէր։ Մեջտեղում կանգանծ էր մի ահագին, քառասյուն, բերդանման մահճակալը։ Դրա փափուկ բարձերի մեջ, որոնք վեց հոգու էլ կբավեին, երջանիկ քնով քնեցի։ Ամբողջ գիշեր նախկին Հռոմը, հռոմեական դյուցազները և Ստիտֆորթն էին երազներիս առարկան, իսկ լուսադեմին, երբ կառքերը սկսեցին դղրդյուն հանել, օլիմպիական աստվածները և նույնիսկ ամպրոպային Արամազդը երազումս երևացին։


Ի․ գլուխ

Ստիրֆորթի տունը


Առավոտյան ժամը ութին սպասուհին սենյակիս դուռը բախեց և հայտնեց, թե ածիլվելու տաք ջուր է բերել ինձ համար։ Այս խոսքերն ինքնասիրությանս փափուկ լարը շոշափեցին, և ես ամոթից, որ դեռ անմորուս եմ և ածիլվելու կարիք չունեմ, կարմրեցի անկողնուս մեջ։ Կասկածելով, թե սպասուհին ծաղրելու համար առաջարկեց տաք ջուրը, ես վերկենալիս ու լվացվելիս շատ դժգոհ էի։ Հավանական է, որ նա իմ շփոթվելն ու ամաչելը նկատեց, երբ ներքև էի իջնում դահլիճ գնալու։ Ես այնքան գրգռված էի դեռ անչափահաս լինելուս վրա, որ մինչև անգամ չհամարձակվեցի նրա մոտովն անցնել, երբ նա ավելը ձեռքին նրբանցքը մաքրելու վրա էր, և պատուհանի առջև կանգ առա իբրև թե Կառլոս թագավորի ձիավոր արձանը դիտելու, որ, սակայն, ամենևին չէր երևում անձրևային ու միգապատ օդի մեջ։ Այս նեղ դրությանս վերջ տվեց սպասավորը, որ եկել էր ասելու, թե մր․ Ստիրֆորթն ինձ սպասում է։

Սակայն Ստիրֆորթը սեղանատան սրահում չէր, այլ կարմիր վարագույրներով ու պարսկական գորգերով զարդարուն մի շատ շքեղ սենյակի մեջ, ուր վառարանի պայծառ բոցը ջերմ լույս էր տարածում և ձյունափայլ սեղանի վրա մի ընտիր նախաճաշ էր պատրաստված։ Ե՛վ կրակը, և՛ նախաճաշը, և՛ Ստիրֆորթը, և սիրուն սենյակի բոլոր կարասիքը զվարթ֊զվարթ ցոլանում էին պատի կլոր հայելու մեջ։ Սկզբում ես քաշվում էի։ Ստիրֆորթն այնպես գեղեցիկ էր, այն աստիճան ինքնավստահ և ամեն բանով (նույնիսկ հասակով) այնքան ինձնից գերազանց, որ եթե նրա շնորհալի ձևերի քաջալերիչ ազդեցությունը չլիներ, վարանումս շուտով չէր անցնի։ Չէի կարող չզարմանալ, այն հանկարծական փոփոխության վրա, որ նա մտցրել էր Ոսկե Խաչում․ ի՜նչ համեմատություն իմ երեկվա անշուք վիճակիս և այս առավոտյան փարթամ սեղանի և ինձ շրջապատող պերճության միջև։ Երեկվա համարձակ սպասավորը այժմ ոտքի ծայրովն էր ման գալիս և «ի քուրձ և ի մոխիր ապաշխարող» ճգնավորի խոնարհությամբ ծառայում։

― Դե՛, սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց Ստիրֆորթը, երբ որ մենակ մնացինք, ― շատ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ ես անում, ի՞նչ գործի ես, ո՞ւր ես գնում․ իմանալ քեզ վերաբերող ամեն բան, իբր թե դու իմ սեփականությունը լինեիր։

Ուրախացա, որ հին ընկերս այս անգամ էլ հետաքրքրվում է իմ վիճակով և պատմեցի, թե տատս ինչո՞ւ է այս ուղևորությունն ինձ անել տալիս։

― Հետևաբար, դու շտապելու կարիք չունես, ― ասաց Ստիրֆորթը։ Մենք միասին Հայգեթ կգնանք․ այնտեղ մի երկու օր մեզ մոտ կմնաս։ Մայրս քեզ դուր կգա։ Նա շատ է սիրում իմ մասին խոսել և ինձանով պարծենալ, բայց վստահ եմ, որ եթե փոքր֊ինչ ներողամիտ լինես դեպի նա, դու էլ նրան դուր կգաս։

― Երանի թե արժանանամ այդ բախտին, ― ասացի ես ժպտալով։

―Ով որ փոքր֊ինչ ինձ սիրում է, ― ասաց Ստիրֆորթը, ― արդեն դրանով իրավունք է ստանում մորս հաճելի լինելու։

― Ուրեմն ես անպատճառ շնորհ կգտնեմ նրա առջև։

― Շատ լավ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Եկ և ասածս արդարացրու։ Առայժմ Լոնդոնին մի երկու ժամ նվիրենք, արժի, Կոպպերֆիլդ, որ այս քաղաքի գեթ մի քանի հրաշալիքը քեզ նման թարմ պատանուն ցույց տրվի։ Այնուհետև Հայգեթ կգնանք դիլիժանսով։

Նախաճաշից հետո տատիս գրեցի, թե ինչպես հանդիպեցի իմ պաշտած ընկերոջը և ինչպես ընդունեցի նրա հրավերը․ այնուհետև Ստիրֆորթն ու ես կառք նստեցինք և գնացինք մի պտույտ անելու Լոնդոնում։ Տեսանք մի պանորամա և մի քանի ուրիշ տեղեր․ աչքի անցրինք հռչակավոր թանգարանը (Museum), և ես զարմացած մնացի Ստիրֆորթի վրա, որ այնքան բազմակողմանի ծանոթություն ունի ամենատարբեր իրերի մասին, թեև ինքը ոչ մի արժեք չէր տալիս դրան։

― Ստիրֆորթ, դու Օքսվորդում ամենաբարձր գիտական աստիճաններ ձեռք կբերես, եթե արդեն ձեռք չես բերել, ― ասացի ես։ ― Բնական է, որ մայրդ այնքան պարծենում է իր որդով։

― Ես գիտակա՜ն աստիճաններ ձեռք բերեմ, ― գոչեց Ստիրֆորթը։ ― Ո՛չ, այդ բաներն ինձ համար չեն, սիրելի Դեյվի․․․ հո չե՞ս բարկանում, որ Դեյվի եմ անվանում քեզ։

― Ամենևին։

― Դու լավ տղա ես, Դեյվի, ― ասաց Ստիտֆորթը ծիծաղելով։ ― Ոչ, Դեյվի, գիտական աստիճաններ ձեռք բերելու փափագ չունեմ։ Գիտեցածս էլ պետքերիս համար հերիք է և գուցե մի ավելորդ բեռ է։

― Իսկ փա՞ռքը․․․

― Ա՜յ դու ռոմանտիկ Դեյվի, ― ասաց Ստիրֆորթը, ավելի ծիծաղելով։ ― Ինձ ի՜նչ, եթե հաստագլուխ իմաստակների ամբոխը բերանաբաց վրաս սքանչանա և բազկատարած հիանա։ Թող ուրիշներն այդ փառքին ձգտեն․ ես նրանց նախանձողը չեմ։

Ես ամաչեցի իմ կոպիտ սխալից և կցանկանայի, որ խոսակցության նյութը փոխվեր։ Եվ փոխելը դժվար չէր, քանի որ Ստիրֆորթը միշտ պատրաստ էր հազվագյուտ անհոգությամբ ու հեշտությամբ մի առարկայից մյուսին անցնել։

Մեր պտույտը վերջանալուց հետո երկրորդ նախաճաշը վայելեցինք, և ձմեռվա կարճ օրն արդեն անցել էր և երեկոյան մութն իջել, երբ մեր կառքը Հայգեթի բլրի վրա գտնվող մի քարաշեն հին տան առաջ կանգ առավ։ Մեզ դիմավորեց մի գեղեցկադեմ ու վայելչաձև տարեց կին, որ, սակայան, դեռ պառավ չէր, և Ստիրֆորթին «Սիրելի Ջեյմս» անվանելով իր գրկում սեղմեց։ Ստիրֆորթը ներկայացրեց ինձ այդ տիկնոջը, որ նրա մայրն էր, և տիկինը մեծ շուքով ողջունեց ինձ։

Տունը մի հին, բայց հոյակապ ու բարեկարգ շինություն էր։ Իմ սենյակի պատուհաններից տեսնում էի մշուշապատ Լոնդոնը, որ հեռվից մի ահագին գոլորշի էր թվում՝ տեղ֊տեղ պսպղացող լույսերով։ Միայն հագնվելիս, ժամանակ գտա վայրիվերու աչքի անցնելու սենյակիս կահ֊կարասին՝ զանազան հյուսվածքներով զարդարված (որը մրս․ Ստիրֆորթը, անշուշտ, երիտասարդ ժամանակ գործած կլիներ), և մինչ դիտում էի մի քանի նկարներ, ― որոնք փոշեգույն մազեր ունեցող և կարծես թե վառարանի կրակի շողքից շարժվող ազնվական տիկիններ էին պատկերացնում, ― ինձ ճաշի հրավիրեցին։

Ճաշասենյակում, մրս․ Ստիրֆորթից զատ՝ մի ուրիշ նուրբ ու թխադեմ լեդի կար, որ թեև վայելուչ տեսք ուներ, բայց դուրեկան չէր։ Անծանոթ օրիորդն ուշադրությունս իսկույն գրավեց, գուցե նրա համար, որ չէի սպասում տեսնել նրան կամ թերևս նրա համար, որ շիտակ նրա դեմ էի նստած, և կամ գուցե այն պատճառով, որ նրա պատկերն իրոք ազդող էր։ Սև սաթի պես մազեր ուներ և վառվռուն սև աչքեր, մարմինը փոքր էր, նիհար ու վտիտ։ Նրա վերևի շուրթի վրա մի թեթև սպի նշմարեցի․ վերքը մի ժամանակ մինչև կզակը հասած կլիներ, բայց վաղուց բուժված լինելով մի կարմրորակ հետք էր թողել շուրթի վրա, որի ձևն այլայլված էր։ Օրիորդին լավ դիտելով մոտ երեսնամյա երևաց ինձ, ուրեմն և մարդու գնալու տենչացող։ Նա մի շենքի նման էր, որ երկար ժամանակ անբնակ մնալուց թեև փոքր֊ինչ վնասված է, բայց դեռ վայելուչ տեսք ունի։ Նրա նիհարությունը կարծես հետևանք էր մի ներքին ավերիչ կրակի, որ միայն աչքերից էր դուրս ցայտում։

Նա ներկայացվեց ինձ միս Դարտլ անունով, սակայն Ստիրֆորթը և իր մայրը միս Ռոզա կամ լոկ Ռոզա էին կոչում նրան։ Իմացա, որ նա վաղուց այդ տանն է ապրում, իբրև միս Ստիրֆորթի ընկերակից։ Նկատեցի, որ իր միտքը երբեք պարզ չի հայտնում, այլ միայն ակնարկներով ու հարցումներով։ Օրինակի համար, երբ մրս․ Ստիրֆորթը կարծիք հայտնեց, ավելի հանաքով, քան լրջությամբ, թե իր որդին գուցե զբոսասեր կյանք է վարում Օքսֆորդում, միս Դարտլը իսկույն ևեթ մեջ բերեց․

― Մի՞թե։ Գիտեք, ես այդ բաներին անտեղյակ եմ։ Սակայն միթե բոլորն էլ այդպիսի կյանք չե՞ն վարում։ Երիտասարդ ուսանողներն ի՞նչ ունեն Օքսֆորդում անելու, եթե ոչ․․․

― Պատրաստվել ու կրթվել ամենակարևոր պատշտոնների համար, եթե ուզում եք իմանալ, Ռոզա, ― ասաց մրս․ Ստիրֆորթը մի տեսակ սառնությամբ։

― Օ՜, հարկավ։ Այդ լիովին ճշմարիտ է, ― հաստատեց միս Դարտլը։ Սակայն ինչի՞ց է, որ չնայելով այդ բոլորին․․․ Ես գոհ կլինեմ, եթե սխալս ուղղեք․․․ բայց չէ՞ որ միշտ այդպես է եղել։

― Այսինքն՝ ինչպե՞ս, ― ասաց մրս․ Ստիրֆորթը։

― Օ՜, ուզում եք ասել, թե այդպես չէ՞, ― հարցրեց միս Դարտլը։ ― Շատ ուրախ եմ այդ լսել։ Այնուհետև, երբ իմ առջև ուսանողների դատարկ ու շռայլ կյանքի մասին խոսք բանան, ես կիմանամ, որ այդ սուտ է, և թույլ չեմ տա զրպարտել նրանց։

― Եվ լավ կանեք, ― ասաց մրս․ Ստիրֆորթը։ ― Որդուս դաստիարակը մի բարեխիղճ ջենտլմեն է, եթե ես որդուս վրա լիովին վստահ չլինեի, գոնե դաստիարակին կհավատայի։

― Իրա՞վ, ― ասաց միս Դարտլը։ ― Մտքովս էլ չէր անցել այդ։ Ուրեմն նա մի բարեխի՞ղճ ջենտլմեն է, և դուք հավատացա՞ծ եք, որ այդպես է։

― Այո՛, ես այդ մասին համոզված եմ, ― ասաց մրս․ Ստիրֆորթը։

― Օ՜հ, այդ ինչ լավ բան է, ― գոչեց միս Դարտլը։ Որքա՞ն մխիթարություն ձեզ համար։ Իրո՞ք բարեխիղճ։ Ուրեմն նա այնպես չէ՞, ինչպես որ․․․ հարկավ չէ, եթե իրոք մի բարեխիղճ ջենտլմեն է։ Երջանիկ եմ, որ այսուհետև նրա մասին լավ կարծիք պիտի ունենամ։ Չեք կարող երևակայել, թե որքան իմ աչքում նրա վարքը բարձրացավ։ Այժմ գիտեմ, որ նա ազնիվ ու բարեխիղճ ջենտլմեն է։

Միս Դարտլն ահա այս կերպով էր արտահայտում իր մտքերն այն ամեն խնդիրներում, որոնց մասին ինքը հակառակ կարծիք ուներ։ Պիտի ասեմ, որ երբեմն մինչև անգամ Ստիրֆորթին հաջողությամբ էր հակառակում։ Մի այսպիսի դեպք տեղի ունեցավ դեռ ճաշը չվերջացած։ Մրս․ Ստիրֆորթը հարցրեց ինձ, թե ինչո՞ւ եմ Սուֆոլկ գնում։ Պատասխանեցի, թե գնում եմ պառավ դայակիս և մր․ Պեգգոտիի ընտանիքը տեսնելու։

― Որքա՜ն ուրախ կլինեի, եթե Ստիրֆորթն էլ հետս գար, ― ավելացրի ես։ ― Հիշում ես, Ստիրֆորդ, այն նավավարին, որ եկել էր մեր պանսիոնը։

― Այն կտրիչ տղամարդո՞ւն, ― ասաց Ստիրֆորթը։ ― Կարծես որդուն էլ հետն էր բերել։

― Այն տղան նրա որդին չէր, այլ որդեգրած եղբորորդին։ Նա ունի և մի շատ սիրուն աներոջ թոռնիկ, որին նույնպես որդեգրել է։ Մի խոսքով նրա տունը (կամ լավ է ասել՝ նրա նավը, որովհետև նավի մեջ է ապրում) լի է իր բարությանն ու վեհանձնությանը ապավինած էակներով։ Հավաստի եմ, որ կհիանաս այդ գերդաստանի նիստուկացից։

― Իրավ որ, կցանկանայի տեսնել, ― ասաց Ստիրֆորթը։ ― Բացի քեզ ուղեկցելու զվարճությունից, սիրելի Դեյվի, արժի տեսնել, թե ինչպե՞ս են ապրում այդպիսի մարդիկ։

Սիրտս թնդաց ուրախությունից, բայց միս Դարտլը, որ սուր աչքով մեզ էր դիտում, առիթ բռնեց Ստիրֆորթի այդպիսի մարդիկ խոսքերը և մեջ մտավ։

― Այդպիսի՞ մարդիկ, ― գոչեց նա։ ― Ասացեք խնդրեմ, մի՞թե նրանք․․․

― Ի՞նչ են նրանք, և ի՞նչ եք ուզում իմանալ, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Թե ի՞նչ են այդպիսի մարդիկ։ Արդյոք անբան անասուննե՞ր, թե վայրենիներ, թե՞ մի ուրիշ տեսակ արարածներ։ Իրավ որ շատ կուզենայի իմանալ։

― Նրանք բավական տարբեր են մեզնից, ― ասաց Ստիրֆորթը սառնությամբ։ ― Նրանք մեզ չափ զգայուն չեն, նրանց սիրտը մերի չափ դյուրագրգիռ ու կասկածկոտ չէ։ Վերին աստիճանի առաքինի են, գոնե ոմանց ասելով, և ես դրա դեմ առարկելու բան չունեմ։ Սակայն շատ նուրբ և քնքուշ բնավորություն չունեն և կարող են երջանիկ համարվել, որ իրենց հոգին դժվար է խոցվում, ինչպես և կոշտ մարմինն ու կաշին։

― Իրա՞վ, ― ասաց միս Դարտլը։ ― Ինչպես գոհ եմ, որ այդ բոլորը մեկնեցիք։ Որքա՜ն քաղցր է իմանալ, որ նրանք ցավ չեն զգում չարչարվելիս։ Երբեմն խղճացել եմ այդպիսի մարդկանց, բայց այսուհետև չեմ էլ մտածի նրանց մասին։ Մարդ ամեն օր մի նոր բան է իմանում։ Մինչև այժմ, ուղիղն ասեմ, ես զանազան տարակույսներ ունեի, բայց ձեր շնորհիվ, մր․ Ստիրֆորթ, կասկածներս փարատված են։ Դուք իմ մտքին լույս տվիք, ինչ որ առաջ չգիտեի, այժմ գիտեմ։ Ուրեմն պարզ է, որ հարցումներ անելն օգտակար բան է․․․ այնպես չէ՞։

Կարծում էի, թե Ստիրֆորթը միս Դարտլին խոսեցնելու համար կատակ է անում նրա հետ և սպասում էի, թե մոր ու օրիորդի հեռանալուց հետո, երբ վառարանի մոտ մենակ մնացինք, նա ինձ կասի, թե իր ասածն իրավ կատակ էր։ Բայց չասաց, այլ միայն հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունեմ օրիորդի մասին։

― Շատ նրբամիտ օրիորդ է, չէ՞, ― ասացի ես։

― Նրբամի՞տ։ Նա սովոր է ամեն բան խծըծել և հեսանի վրա սրել, ― ասաց Ստիրֆորթը։ ― Եվ տարիներից ի վեր ամեն բան սրելով, իր մարմինն ու դեմքն էլ բոլորովին սրել մաշել է․ այժմ նա մի սրի բերան է դարձել։

― Ինչ տարօրինակ սպի ունի շուրթի վրա, ― ասացի ես։

Ստիրֆորթը հոնքերը պռստեց և մի վայրկյան լուռ մնաց։

― Այդ սպին ես եմ պատճառել, ― ասաց նա։

― Պատահմա՞մբ։

― Ո՛չ։ Մի օր, տղայությանս ժամանակ, նա ինձ զայրացրել էր և ես մի մուրճ շպրտեցի նրա գլխին։ Քո ընկերը մի բարի պտուղ հրեշտակ է եղել, չէ՞, Կոպպերֆիլդ։

Ես շատ փոշմանեցի, որ այդքան ցավալի նյութ շոշափեցի, բայց արդեն ուշ էր։

― Այն օրից ի վեր նա կրում է այդ նշանը, ― ասաց Ստիրֆորթը, ― և մինչև գերեզման մտնելը կրելու է, եթե միայն վիճակված է նրան գերեզմանոցում հանգիստ գտնել։ Իմ կարծիքով այդ արարածը ոչ մի տեղ չի հանգստանա։ Նա իմ հոր մի հեռավոր ազգականի աղջիկն է։ Ծնողների մեռնելուց հետո որբ է մնացել։ Այրի մայրս նրան մեր տունն ընդունեց և ընկեր արեց։ Նա ունի հորից ժառանգած երկու հազար ֆունտ ստեռլինգ․ այս գումարը բանկ է դրել և տոկոսներով աճեցնում է։ Ահա քեզ Ռոզա Դարտլի պատմությունը։

― Եվ անշուշտ, նա քեզ եղբայր է համարում։

― Հը՜մ, ― ասաց Ստիրֆորթը, աչքերը կրակին դարձնելով։ ― Կան եղբայրներ, որոնք շատ չեն սիրվում քույրերից, և կան, որոնք․․․ Սակայն, Կոպպերֆիլդ, խմենք քո կենացը՝ դաշտային ծաղիկների կենացը, ապրի անհոգ, անգործ երիտասարդների, ուրեմն և իմ հիշատակը․․․ քանի որ ամոթ է ասել պատիվը։

Նրա երեսի հեգնական ժպիտը անհետացավ, սակայն նա իսկույն ինքն իրեն տիրեց և առաջվա պես զվարթացավ։

Թեյի ժամանակ ցավագին հետաքրքրությամբ մտիկ էի անում միս Դարտլի սպիին։ Ես նկատեցի, որ այդ սպին նրա դեմքի ամենազգայուն մասնիկն է։ Հենց որ նա գունատվում էր, սպիի գույնն էլ անմիջապես փոխվում էր, մի կապարանման շերտի ձև ստանալով, որ իր ամբողջ երկարությամբ իսկույն ևեթ աչքի էր ընկնում, իբրև կրակին մոտեցված ծածուկ թանաք։ Թեյից հետո մինչ Ստիրֆորթն ու միս Դարտլը նարդի էին խաղում, նրանք մի վայրկյան վիճեցին, օրիորդը շատ բարկացավ և նույն րոպեին երեսի շերտը երևան եկավ այն խորհրդավոր բառերի նման, որոնք երևացել էին որմի վրա Բաղդասար թագավորի խնջյուքին։[23]

Ես չէի զարմանում, որ մրս․ Ստիրֆորթը լիովին նվիրված էր իր որդուն։ Նրա ամբողջ խոսակցության ու մտածմունքի առարկան կարծես միայն որդին էր։ Նա ցույց տվեց ինձ մի ապարանջան որդու մանկական պատկերով ու գանգուրների փնջիկով։ Հետո որդու մի ուրիշ պատկերը ցույց տվեց, որ մեր բարեկամության սկզբին էր հանված․ վերջապես ասաց, թե իր կրծքի վրայի երրորդ պատկերն էլ որդու այժմյան մանրանկար պատկերն է։ Որդուց ստացած բոլոր նամակները մի առանձին պահարանի մեջ էր պահում, որ իր թիկնաթոռի մոտ էր դրված․ նա սիրով կկարդար ինձ մի քանի նամակ, ես էլ սիրով կլսեի, եթե որդին փաղաքշանքով չընդդիմանար մեր փափագին։

― Որդուս ասելով՝ դուք մր․ Կրիկլի պանսիոնում եք ծանոթացել իրար հետ, ― ասաց ինձ մրս․ Ստիրֆորդը, մինչ որդին ու Ռոզան խաղով էին ղբաղված մի ուրիշ սեղանի առաջ։ ― Ես հիշում եմ, որ այն ժամանակ նա շատ էր խոսում մի իրենից փոքր աշակերտի մասին, որին սաստիկ սիրել էր։ Այդ հարկավ դուք էիք, բայց ես ձեր անունը մոռացել էի։

― Այն ժամանակ նա շատ վեհանձն ու բարի էր դեպի ինձ, և հավատացնում եմ ձեզ, տիկին, որ ես նրա ընկերության կարոտ էի․ առանց նրան ես կկորչեի պանսիոնում։

― Նա միշտ վեհանձն ու բարի էր, ― ասաց մրս․ Ստիրֆորդը հպարտությամբ։

Ես լիովին համոզված էի այդ մասին, և մրս․ Ստիրոֆորթը հավատաց, որ զգացումս անկեղծ է։ Այս պատճառով նա հետս խոսելիս մեղմացրեց իր վեհական ձևերը, որոնք, սակայն, կրկնվում էին՝ հենց որ սկսում էր գովասանք շռայլել իր որդուն․ այդ միջոցին նա դարձյալ խրոխտ ու սեգ էր երևում։

― Այն պանսիոնը հարկավ որդուս արժանի չէր, ― ասաց մրս․ Ստիրֆորթը, ― սակայն կային հանգամանքներ, որ ստիպեցին ինձ հատկապես այդ դպրոցն ընտրել։ Որդուս հպարտ բնավորությունն անհրաժեշտ էր դարձնում մի այնպիսի մարդու հանձնել նրան, որ նրա գերազանցությունը լիովին զգար և նրա առջև խոնարհվեր։ Եվ մենք գտանք մր․ Կրիկլին։

Ես լավ էի ճանաչում մր․ Կրիկլին, ես ատում էի նրան, բայց և այնպես ներելի գտնում, որ նա Ստիրֆորթի ամենահաղթ հմայքի առջև անզոր էր։

― Որդուս շքեղ ձիրքերն այդ վարժարանում զարգացան մի հոժարակամ մրցության, մի բնական հպարտության շնորհիվ, ― շարունակեց տիկինը։ ― Նա կընդդիմանար որևէ ստիպման, բայց այնտեղ նա մի ինքնիշխան վեհապետ էր, և իմացավ արժանի հանդիսանալ իր ձիրքին։ Նա հավատարիմ մնաց իրնքն իրեն։

Ես ամենայն հոժարությամբ վավերացրի տիկնոջ կարծիքը։

― Այնուհետև որդիս ազատ կամքով, այլ ոչ թե ուրիշի թելադրությամբ, իր այժմյան ասպարեզն ընտրեց և մտավ համալսարան, ուր անշուշտ բոլոր ընկերներից առաջ կանցնի, եթե միայն կամենա, ― շարունակեց տիկինը։ ― Ջյեմսն ասում է, Կոպպերֆիլդ, որ դուք նրա մտերիմ բարեկամն եք, և որ երեկ նրան հանդիպելով խնդությունից լաց եք եղել։ Ես սուտ դյուրազգայնություն ցույց տված կլինեմ, եթե զարմանամ, որ որդիս այդքան գրավել է ձեզ, սակայն չեմ էլ կարող անտարբեր մնալ դեպի մեկը, որ այդքան գնահատում է նրա արժանիքը։ Շատ ուրախ եմ, Կոպպերֆիլդ, որ մեր տանն եմ տեսնում ձեզ և կարող եմ հավատացնել, թե նա էլ ձեզ անկեղծ սրտով սիրում է․ դուք կարող եք նրա հովանավորությանն ապավինել։

Միս Դարտլը շարունակում էր նարդի խաղալ նույն եռանդով, ինչ եռանդով սովոր էր անել ամեն բան։ Եթե ես նրան առաջին անգամ այդ խաղի վրա տեսնեի, կկարծեի, անշուշտ, թե նա այն պատճառով է նիհարել, որ իր ամբողջ ուշքն ու միտքը, ամբողջ կյանքը այդ զբաղմունքին է նվիրել, այլ ոչ թե մի ուրիշ բանի։ Այնուամենայնիվ հավաստի եմ, որ նա մեր խոսակցությունից մի բառ անգամ չփախցրեց և իմ բոլոր շարժումները լավ դիտեց, մինչ ես Ջեյմսի մորն էի ականջ դնում՝ այդ արգո տիկնոջ պատվաբեր մտերմությամբ հպարտացած։ Ես շատ ավելի չափահաս էի զգում ինձ այժմ, քան Կենտրբըրիից մեկնելիս։

Երեկույթի վերջում, երբ սեղանի վրա փոքրիկ շշեր ու բաժակներ դրվեցին, Ստիրֆորթը խոստացավ մի լավ կշռել հետս գնալու կամ չգնալու խնդիրը։ ― Բայց շտապելու հարկ չկա, ― ասաց նա, կարող ենք դեռ մի շաբաթ մնալ Հայգեթում։ ― Հյուրասեր մայրն էլ նույնը կրկնեց։ Մեր խոսակցության միջոցին Ստիրֆորթը սովորականից ավելի էր Դեյվի անունս գործածում, այս առիթ տվեց միս Դարտլին նորից հարցումներ տեղալու։

― Ա՜հ, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց նա, ― մի՞թե այդ է իրոք ձեր մականունը։ Եվ ինչո՞ւ են այդ մականունը ձեզ տվել։ Արդյո՞ք այն մտքով ․․․ որ դեռ շատ պատանի և անմեղ են համարում ձեզ։ Չեմ կարող խելք հասցնել այդ բանին։

Կարմրելով պատասխան տվի, թե նրա կարծիքը հավանական եմ գտնում։

― Եթե այդպես է, շատ ուրախ եմ, ― ասաց միս Դարտլը։ ― Հարցնում եմ միայն բան սովորելու համար, և շատ գոհ եմ, որ գեթ այս անգամ չեմ սխալվել։ Նա ձեզ պատանի և անմեղ է համարում, և դուք նրա ընկերն եք։ Օ՜հ, ինչ հիանալի բան։

Այս ասելով միս Դարտլը իր ննջարանը քաշվեց․ նույնպես և մրս․ Ստիրֆորթը։ Իսկ Ստիրֆորթն ու ես դարձյալ մի կես ժամ վառարանի մոտ նստած մնացինք, հիշելով Տրեդլսին և Սալեմ Հաուսի մյուս ընկերներին։ Այնուհետև մենք էլ վերև բարձրացանք։ Ստիրֆորթի սենյակն իմին կից էր, և ես ուզեցի նրան աչքի անցնել։ Դա մի շքեղ սենյակ էր՝ փափուկ թիկնաթոռներով, բարձերով, աթոռակներով կահավորված, և բոլորի վրա հոգատար մոր ձեռագործն էր երևում․ նա ոչ մի բան անտես չէր թողել որդու սենյակը հանգիստ ու հաճելի դարձնելու համար։ Ի լրումն այդ ամենի՝ մրս․ Ստիրֆորթի գեղեցիկ կենդանագիրը որմի վրայից սիրով նայում էր պաշտելի որդուն՝ ասես թե ուրախություն զգալով, որ կարող է գեթ իր պատկերի շրջանակից նրա քնի վրա հսկել։

Իմ սենյակում կրակը դեռ պայծառ բորբոքվում էր։ Մահճակալի ու պատուհանների շիկագույն վարագույրները ցած էին թողնված։ Ես մի ահագին թիկնաթոռի վրա նստեցի և սկսեցի երջանկությանս մասին մտածել։ Մինչ այսպես, մտքերիս մեջ խորասուզված նստած էի, հանկարծ վառարանի վրա միս Դարտլի պատկերը նշմարեցի, որ հրացայտ աչքերով դիտում էր ինձ։

Նմանությունը սաստիկ էր և աչքերի արտահայտությունը՝ ազդող։ Պատկերահանը չէր նկարել միայն սպին, բայց ես այդ էլ մտքովս լրացրի։ Ես սպին մերթ վերին շուրթի վրա վրա էի տեսնում, ինչպես որ առաջին անգամ ճաշարանում էի նկատել, մերթ նա աչքիս առջև մուրճի հետքի երկար շերտովն էր տարածվում, ինչպես որ նշմարել էի օրիորդի գրգռված վայրկյանին։

Հարցնում էի ինձ, թե այս պատկերն ինչո՞ւ է իմ սենյակի մեջ կախված․ մի՞թե չէր կարելի մի ուրիշ տեղ կախել։ Դրանից ազատվելու համար իսկույն շորերս հանեցի, մոմը հանգցրի ու պառկեցի քնելու։ Սակայն վերմակի տակ ննջելիս էլ՝ չէի կարողանում մոռանալ, որ նա սուր֊սուր դիտում է ինձ, կարծես թե հարցնելով․ «Մի՞թե․․․ միթե իրա՞վ այդպես է»։ Կես֊գիշերին, երազիս մեջ, անդադար հարցնում էի անցվորներին․ «Արդյոք իրա՞վ այդպես է, թե՞ոչ», թեպետ ինքս էլ չգիտեի, թե ի՞նչ եմ ուզում իմանալ։


Ա․ գլուխ

Փոքրիկ Էմլին


Ստիրֆորթի տանը մի սպասավոր կար, որ ինչպես իմացա, միշտ ընկերոջս ուղեկցել էր և համալսարանում նրան ծառայել։ Այդ մարդը մի ակնածալի անձ էր։ Չեմ կարծում, որ երբևէ մի սպասավոր ավելի պատկառելի տեսք ունենար։ Նա լռիկ էր, հանդարտաքայլ, ուշադիր, հնազանդ, միշտ ներկա, երբ որ պետք էր, և հեռու, երբ որ պետք չէր․ սակայն նրա գլխավոր արժանիքը պատկառելի տեսքն էր։ Նա քծնելով կուչ չէր գալիս մարդու առջև․ ընդհակառակը՝ բարձր էր պահում իր կարճ խուզած կլոր գլուխը։ Միշտ մեղմիկ ձայնով էր խոսում և սովոր էր այնպես սուր արտասանել Ս տառը, ինչպես ոչ մի ուրիշ մարդ․ սակայն ինչ էլ ասեր կամ աներ, միշտ մնում էր պատկառելի։ Կարծում եմ, որ եթե բնությունից քթի փոխարեն նա մի կնճիթ ստացած լիներ, դարձյալ կարող էր պատկառելի և հարգարժան երևալ։ Ամեն բան պատկառելի էր նրա վրա ու շուրջը, և նա վստահ էր ման գալիս։ Անկարելի էր մի վատ բան սպասել նրանից։ Ոչ ոքի մտքով չէր անցնի սպասավորի լիվռե հագցնել նրան, այն աստիճան պատկառանք էր ներշնչում։ Նրան մի անպատվաբեր գործ հանձնելը կնշանակեր նրա մեծարգության զգացումը չարաչար վիրավորել։ Տան բոլոր սպասուհիներն այդ գիտեին, ուստի ամեն չնչին, մանր֊մունր բաները նրանք էին հոգում, մինչ նա իր սենյակի կրակի առջև լրագիրներ կարդալով էր զբաղվում։

Մի այդպիսի զգուշամիտ մարդ, ոչ մի ժամանակ չէի տեսել։ Սակայն այս հատկությունը ավելի պատկառելի էր դարձնում նրան։ Մինչև անգամ նրա մկրտության անվան անհայտ լինելը նրա մեծարգությանը չէր վնասում, այլ նպաստում էր։ Նրա Լիտտիմեր մականվան դեմ, որով հայտնի էր ամենքին, ոչ մի բան չէր կարելի առարկել։ Մարկոս անունը կարող էր մի կախվածի պատկանել, Կիրակոս անունը մի գողի, իսկ Լիտտիմեր կարող էր կոչվել միայն արգո Լիտտիմերը։

Երևի նրա պատկառելի տեսքն էր պատճառը, որ ես ինձ առանձնապես ջահել էի զգում նրա առջև։ Արդյոք ինքն ի՞նչ հասակի էր, չէի կարող գուշակել ― մի հանգամանք որ դարձյալ նրա վարկը բարձրացնում էր իմ աչքում, որովհետև իր դեմքի ակնածալի անդորրության նայելով, կարելի էր նրան և՛ հիսուն, և երեսուն տարեկան համարել։

Առավոտյան, դեռ աչքերս չէի բացել, Լիտտիմերն արդեն սենյակումս էր, ածիլելու ջուր էր բերել (անտանելի հիշատակ) և շորերս մաքրելու էր տանում։ Երբ վարագույրը ետ քաշեցի, վերստին տեսա նրան իր անվրդով հանգստությամբ, որը ո՛չ հունվարի հողմից, ո՛չ էլ ցրտից կայլալվեր։ Նա կոշիկներս աջ ու ձախ դրեց՝ իսկ և իսկ պարի առաջին դիրք տալով երկուսին․ հետո վերարկուիս վրայից փոշին խնամքով թափ տվեց, ծալեց և այնպիսի զգուշությամբ թիկնաթոռի վրա դրեց, որ կարծես վերարկուն մի նիրհած մանուկ լիներ։

Ես բարի լույս ասացի նրան ու հարցրի, թե ժամը քանիսն է։ Նա գրպանից մի շատ հարգի որսորդական ժամացույց հանեց, կափարիչը ձախ ձեռքի բթով բռնեց, որ շատ բարձր չթռչի, տուփի երեսին այնպես նայեց, կարծես թե մի պատգամախոս ոստրերի հետ է բանակցում, նորից փակեց ու վերջապես ասաց, թե ճիշտ ութ անց կես է։

― Մր․ Ստիրֆորթին հաճելի կլիներ իմանալ, սըր, թե արդյոք հանգի՞ստ քուն վայելեցիք այս գիշեր։

― Շնորհակալ եմ, շատ հանգիստ, ― ասացի ես։ ― Ինչպե՞ս է մր․ Ստիրֆորթի առողջությունը։

― Շնորհակալ եմ, սըր։ Մր․ Ստիրֆորթը բավական առողջ է։

Լիտտիմերի մի ուրիշ հատկությունն էլ այն էր, որ ճշգրիտ ու չափավոր մնալու համար՝ երբեք գերադրական ածականներ չէր օգտագործում։

― Էլ ի՞նչ կա, սըր, որ պատիվ ունենայի ձեզ համար անել։ Ազդարար զանգակը ճիշտ ժամը իննին կհնչի, նախաճաշը ինն անց կես կլինի։

― Ոչինչ, շնորհակալ եմ։

― Շնորհակալ եմ սըր։ Ձեր խոնարհ ծառան եմ։

Այս ասելով Լիտտիմերը թեթևակի գլուխ տվեց և անշշուկ դուրս գնաց՝ դուռը այնպես կամաց փակելով, ասես թե հենց նոր մի քաղցր քուն մտած լինեի, որից ամբողջ կյանքս էր կախված։

Ամեն առավոտ ճիշտ նույն խոսակցությունն էինք կրկնում ― ո՛չ ավելի, ո՛չ պակաս, բայց որքան էլ ես ինձ օրստօրե մեծացած զգայի, որքան էլ հասունացած՝ Ստիրֆորթի ընկերության կամ թե միս Դարտլի իմաստալի հարցումների շնորհիվ, դարձյալ տեսնում էի, որ գերամեծար Լիտտիմերի առջև ուրիշ բան չեմ, եթե ոչ մանուկ։

Նա մեզ համար ձիեր էր բերում, և ամեն բանի վարժ Ստիրֆորթը ինձ ձիավարության արվեստն էր սովորեցնում։ Սրեր էր ճարում, և Ստիրֆորթն ինձ սուսերամարտի դասեր էր տալիս։ Ձեռնոցներ էր գտնում, և ես սկսում էի բռնցքամարտի դասեր առնել Ստիրֆորթից։ Փույթ չէր ինձ, որ Ստիրֆորթի համեմատությամբ ես այս բոլոր մարզանքներում անվարժ էի, բայց պատկառելի Լիտտիմերի առջև խամ երևալն ինձ համար անտանելի էր։ Ես ամենևին հիմք չունեի ենթադրելու, թե ինքը Լիտտիմերը այս բաներին հմուտ է․ նա մի թեթև շարժումով անգամ առիթ չէր տվել իր մասին այդպիսի կարծիք կազմելու, բայց և այնպես հենց որ գալիս էր մեր փորձերին ներկա լինելու, զգում էի, որ աշխարհիս երեսին ինձնից անճար, ինձնից անշնորհք էակ չկա։

Դիտմամբ եմ այդ մարդու մասին մանրամասն խոսում, նախ այն պատճառով, որ հենց սկզբից նա մի առանձին տպավորություն թողեց իմ վրա, և երկրորդ՝ որ հետո էլ աննշան դեր չպիտի խաղա կյանքիս մեջ։

Շատ զվարճալի կերպով և երազի պես արագ անցավ ինձ համար այդ շաբաթը։ Ես առիթ ունեցա ավելի լավ ճանաչելու Ստիրֆորթին, ասել է թե՝ ավելի շատ զարմանալու նրա բազմակողմանի ձիրքերի վրա։ Շաբաթվա վերջում ինձ թվում էր, թե մի ամբողջ տարի եմ ապրել նրա հետ։ Ամենից ավելի ախորժելի էր նրա կայտառ վարմունքն ինձ հետ, իբրև մի խաղալիքի հետ։ Այս հիշեցնում էր ինձ մեր բարեկամության վաղեմիությունը և ապացույց էր, որ Ստիրֆորթը չէր փոխվել։ Նրա այժմյան վարմունքը նախկինի բնական հետևանքն էր։ Այս պատճառով չէի ամաչում իմ ու նրա արժանիքների ահագին տարբերություններից և մտքովս չէր անցնում պահանջել, որ նա ինձ իրեն հավասար ճանաչի։ Համենայն դեպս, Ստիրֆորթը միայն ինձ հետ էր այդպես անկեղծ, պարզ ու սրտագին կերպով վարվում։ Ես համոզված էի, որ ինչպես պանսիոնում նա ինձ բոլոր մյուս ընկերներից առանձնացնում էր, այնպես էլ այժմ՝ ուրիշ կերպ է վարվում ինձ հետ, քան թե իր մյուս բարեկամնեերի․ ինձ թվում էր, թե սրտով նա ինձ ավելի մոտ է, քան ուրիշներին, և իմ սիրտն էլ ամենաջերմ սեր էր զգում դեպի նա։

Նա վճռել էր ինձ հետ միասին Սուֆոլկ գնալ, և մեր մեկնելու օրը հասավ։ Սկզբում մտադիր էր Լիտտիմերին իր հետ առնել, բայց հետո լավ համարեց տանը թողնել։ Պատկառելի սպասավորը, որ միշտ գոհ էր, ինչ էլ իրեն վիճակվեր, մեր իրերն այնպես ամուր տեղավորեց Լոնդոն տանող Կառքի մեջ, որ նայողը կկարծեր, թե մենք մի հավիտենական ուղևորություն ենք ձեռնարկում․ իմ համեստ դրամական նվերը նա կատարյալ հանգստությամբ ընդունեց։

Հրաժեշտ տվինք միս Դարտլին ու մրս․ Ստիրֆորթին, և ես տանտիկնոջը ջերմ շնորհակալություն հայտնեցի իր վեհանձն հյուրասիրության համար։ Վերջին բանը, որ նկատեցի՝ Լիտտիմերի անխռով դեմքն էր, որ կարծես իր թաքուն համոզումն էր արտահայտում, թե ես դեռ շատ տհաս եմ։

Լոնդոն հասնելուց հետո դիլիժանս նստեցինք և Յարմաութ գնացինք։ Չեմ վստահում նկարագրել, թե ինչեր զգացի իմ սիրելի հին տեղերը նորից տեսնելով։ Յարմաութի հիշատակները այնքան էին ինձ հուզել, որ չնկատեցի մինչև անգամ, թե ինչպես անցանք այդ քաղաքի ծուռ ու նեղ, մութ ու խոնավ փողոցներով։ Մենք գիշերեցինք հենց այն պանդոկում, որի դռան վրա նկարված դելֆինը մի ժամանակ գրավել էր ուշադրությունս։ Առավոտյան բավական ուշ նախաճաշ արինք։ Ստիրֆորթը, որ շատ զվարթ էր տրամադրված, դեռ իմ վերկենալուց առաջ պտույտ էր արել ծովեզերքում։ Նա ինձ ասաց, թե արդեն ծանոթացել է Յարմաութի գրեթե բոլոր ձկնորսների հետ։

― Եթե չեմ սխալվում, ― ասաց Ստիրֆորթը, ― ես տեսա և մր․ Պեգգոտիի նավատունը․ համենայն դեպս, ծովափի մոտ, տնակի նման մի նավակ նշմարեցի, որի ահագին ծխնելույզը մխում էր։ Մտադիր էի մինչև անգամ ներս մտնել և ասել, թե ես եմ Կոպպերֆիլդը։ Թող կարծեն, թե փոքրիկ Դեվին այնքան է մեծացել, որ ճանաչել անգամ չի կարելի։

― Ինչ լավ կանեիր, ― ասացի ես ժպտալով։

― Սակայն, Դեյզի, ե՞րբ ես մտադիր բարեկամներիդ ներկայացնել ինձ, ― հարցրեց Ստիրֆորթը։ ― Մնում եմ հրամանիդ։ Քանի շուտ, այնքան լավ։

― Կարծեմ հարմար կլինի, Ստիրֆորթ, այս երեկո նրանց մոտ գնալ։ Այդ ժամանակ ամբողջ ընտանիքը վառարանի առջև նստած կլինի։ Կցանկանայի, որ առաջին անգամ այդպես միասին հավաքված տեսնեիր նրանց։

― Թող այդպես լինի, ― ասաց Ստիրֆորթը։

― Ես իմաց չեմ տա, որ այստեղ ենք, ― ասացի ես հրճվանքով։ ― Պետք է հանկարծակի բերել նրանց։

― Անշուշտ պետք է այդպես անել, ― պատասխանեց Ստիրֆորթը, ― թե չէ մեր այցելության ամբողջ հրապույրը կկորչի։ Բնիկներին լավ է տեսնել իրենց բնական վիճակում։

― Դու, կարծեմ, մի ուրիշ տեսակ արարած ես համարում նրանց, ― նկատեցի ես։

― Հը, Ռոզայի հետ ունեցած վեճս ես մտաբերում, հա՞, ― գոչեց Ստիրֆորթն եռանդով։ ― Գետինն անցնի այդ աղջիկը։ Ես գրեթե վախենում եմ նրանից։ Նա ինձ համար մի ճիվաղ է։ Թողնենք նրան։ Ո՞ւր ես գնում այժմ։ Չէ՞որ ուզում էիր դայակիդ տեսնել։

― Անպատճառ, ― ասացի ես։ ― Ամենից առաջ Պեգգոտիի մոտ պիտի գնամ։

― Լավ կանես, ― ասաց Ստիրֆորթն՝ իր ժամացույցին նայելով։ ― Երկու ժամ եմ տալիս քեզ․ այդքան կարծեմ բավական է, որ իրար համբուրելով ու միասին արտասվելով կշտանաք։

Ծիծաղելով պատասխանեցի, թե այդ բոլորն երկու ժամում կվերջացնենք, բայց լավ կլինի, որ նա էլ գա դայակիս մոտ։

― Այնտեղ քեզ փառքով֊պատվով կընդունեն, Ստիրֆորթ։ Պեգգոտին արդեն գիտի, որ դու մի նշանավոր մեծ մարդ ես։

― Ուր ուզենաս, կգնամ, ինչ ասես, կանեմ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Դու ինձ միայն ճիշտ հասցեն տուր, և ես երկու ժամից պատրաստ կլինեմ ներկայանալ նրան, ինչ դերի մեջ էլ կամենաս՝ սիրալիր կամ ծաղրական։

Մանրամասն տեղեկացրի նրան, թե ինչպես պետք է կառապան մր․ Բարկիսի բնակարանը գտնել, և մենակ դուրս ելա պանդոկից։

Օդը ցրտաշունչ էր, գետինը սառնամանիքից պնդացած․ վճիտ ծովը թեթև ծփում էր․ պայծառ արևը լիառատ լույս էր սփռում, բայց ո՛չ ջերմություն, և ամեն ինչ զվարթ էր ու կենդանի։ Ես ինքս էլ նորից Յարմաութում գտնվելով, այնպես աշխույժ, առույգ էի, որ պատրաստ էի յուրաքանչյուր հանդիպողին կանգնեցնել ու մտերմաբար աջը սեղմել։

Փողոցները շատ անձուկ ու փոքր թվացին ինձ․ միշտ այդպես են երևում նրանք, երբ մանկության ժամանակ ճանաչելուց հետո՝ երկար ժամանակ չես տեսնում և նորից գալիս ու տեսնում ես։ Սակայն ոչ մի բան չէի մոռացել․ ոչ մի բան էլ չէր փոխվել այստեղ։ Փոխվել էր միայն, այն էլ շատ քիչ, մր․ Օմրի կրպակը։ Նրա ցուցանակի մակագրությունը, որ առաջ միայն «Օմր» էր, այժմ «Օմր ու Ջորեմ» էր դարձել, իսկ մյուս խոսքերը՝ «պաստառագործ, դերձակ, մանրավաճառ, հուղարկավորություն ու սգո դեպքերի հայթայթիչ» և այլն, միևնույն էին մնացել։

Փողոցի հակառակ կողմից այդ մակագրությունը կարդալուն պես, ոտքերս մեքենաբար այդ դռանը մոտեցան։ Պատուհանից ներս նայեցի․ կրպակում մի սիրուն, ջահել կին էր նստած, որը մի փոքրիկ երեխա էր գուրգուրում, մինչ մյուսը նրա գոգնոցին էր փարվել։ Իսկույն իմացա, որ Միննին է իր մանուկներով։ Հյուրասենյակի ապակե դուռը փակված էր․ բակում գտնվող արհեստանոցից դարձայլ մուրճի շառաչյուն էր լսվում, որ կարծես հավիտյան չպիտի լռեր։

― Մր․ Օմրն արդյոք տա՞նն է, ― հարցրի ես՝ ներս մտնելով։ ― Կցանկանայի տեսնել նրան մի րոպե։

― Այո, սըր, տանն է, ― ասաց Միննին։ ― Հազը նրան արգելում է դուրս գալ այսպիսի եղանակին։ Ջո՛յ, գնա կանչիր պապիդ։

Գոգնոցը բռնող մանուկը այնպես ամուր ճիչով կանչեց իր պապին, որ ինքն իր ձայնից վախեցավ ու երեսը մոր փեշերում թաքցրեց։ Նույն րոպեին մի ծանր հևք լսեցի, և մր․ Օմրը երևաց։ Նրա շնչառությունը ավելի ընդհատ էր դարձել, իսկ ալևոր պատկերը գրեթե նույնն էր, ինչ որ առաջ։

― Ձեր խոնարհ ծառան եմ, սըր, ― ասաց նա։ ― Արդյոք ի՞նչ կհրամայեք։

― Կհրամայեմ, որ ձեռքս սեղմեք, մր․ Օմր, ― ասացի ես, աջս մեկնելով։ ― Մի ժամանակ շատ բարի էիք դեպի ինձ, թեև որքան հիշում եմ, չկարողացա ձեր բարությունը գնահատել։

― Իրա՞վ, ― ասաց ծերունին։ ― Շատ ուրախ եմ, բայց ամենևին չեմ կարող մտաբերել, թե ե՞րբ էր այդ։ Արդյոք չե՞ք սխալվում, սըր։

― Բնավ։

― Երևի թե հիշողությունս էլ շնչառությանս պես կարճացել է, ― ասաց մր․ Օմրը, գլուխը շարժելով ու երեսիս նայելով։ ― Չեմ հիշում ձեզ։

― Չե՞ք հիշում, թե ինչպես մի առավոտ դիլիժանսների կայանում դիմավորեցիք ինձ, նախաճաշ տվիք ու հետո կառքով Բլենդրոտըն հասցրիք։ Կառքում նստած էին մրս․ Ջորեմն ու մր․ Ջորեմը, որ դեռ նրա ամուսինը չէր։

― Աստված իմ, ― գոչեց մր․ Օմրը, սկսելով հազալ անասելի զարմանքից։ ― Մի՞թե դուք եք այն տղան, սըր։ Միննի, հիշո՞ւմ ես, սիրելիս։ Այն ժամանակ մենք գնում էինք մի լեդիի հուղարկավորության, եթե չեմ սխալվում։

― Մորս հուղարկավորելու, ― ասացի ես։

― Այո՛, այո՛․․․ այժմ հիշում եմ, ― ասաց մր․ Օմրը, մատի ծայրը բաճկոնիս դնելով, ― մի երեխայի համար էլ պատվեր կար։ Այո՛․․․ այո՛։ Մայրն ու երեխան մի դագաղի մեջ դրեցին։ Այդ եղավ Բլենդրոտընում, ճիշտ այդպես։ Իսկ դուք ինչպե՞ս եք այն օրից ի վեր։

― Շնորհակալ եմ, շատ լավ եմ։ Իսկ դուք ինչպե՞ս եք, մր․ Օմր։

― Փառք աստծո, ապրում եմ, գանգատվելու տեղ չունեմ։ Միայն շնչառոււթյունս է տանջում ինձ, բայց ի՞նչ արած․ քանի մարդը ծերանում է, այնքան էլ շնչառությունը դժվարանում է․ սա մի սովորական ցավ է, ուզես չուզես, պիտի համբերես։ Ես էլ ահա համբերում եմ, կարծեմ վատ չեմ անում, չէ՞, պարոն։

Մր․ Օմրը ծիծաղեց ու նորից հազաց, և այս անգամ այնպես սաստիկ, որ երեխային թախտի վրա խաղացնող մրս․ Ջորեմը հարկ համարեց օգնության հասնել ծերունուն։

― Այո՛, այո՛, երկու մարմին մի դագաղում, ― ասաց մր․ Օմրը։ ― Բայց կհավատա՞ք, սըր, Միննիի ու Ջորեմի հարսանիքի օրը միասին կառքով գնալիս որոշեցինք։ «Որոշի՛ր», կպավ ինձ Ջորեմը։ «Այո՛, հայրիկ, որոշիր», կրկնեց Միննին։ Ես էլ որոշեցի։ Այժմ Ջորեմն իմ ընկերակիցն է, իսկ սա, տեսեք, ամենափոքր թոռնիկս է։

Միննին ծիծաղեց և մինչ իր մազերն էր ուղղում, ալևորն իր հաստ մատներից մեկը երեխային մեկնեց, որին մայրը մի րոպե առաջ խաղացնում էր թախտի վրա։

― Միանգամից երկու մարմին, ― ասաց մր․ Օմրը, հին֊հին բաներ հիշելով։ ― Ճիշտ այդպես։ Այս րոպեիս Ջորեմը զբաղված է։ Պատվեր է ստացել մի փոքրիկ դագաղ շինելու՝ արծաթե մեխերով ու թավշապատ։ Սրա չափ անգամ չի լինի, ― ավելացրեց ալևորը, ակնարկելով նորից թռչկոտող թոռնիկին։ ― Մի որևէ բան անուշ կանե՞ք, սըր։

Շնորհակալություն հայտնեցի և հյուրասիրությունից հրաժարվեցի։

― Ահա միտքս բան ընկավ, ― ասաց մր․ Օմրը։ ― Այն ժամանակ կառապան Բարկիսի կինը ձեր տանը չէ՞ր ապրում․․․ Պեգգոտի ձկնորսի քույրը։ Նա, կարծեմ, ձեր տան աղախինն էր, չէ՞։

Դրական պատասխանս մր․ Օմրին մեծ հաճույք պատճառեց։

― Այո՛, այո՛, հիշողությունս նորոգվում է, ուրեմն հույս կա, որ շնչառությունս էլ շուտով թեթևանա, ― ասաց նա։ ― Շատ լավ, սըր։ Այժմ մեր արհեստանոցում աշխատում է այդ կնոջ ազգական մի ջահել աղջիկ, որ հիանալի բաներ կարել գիտի։ Անգլիայի ամենաշքեղ դքսուհիները անգամ կարող էին նրա ճաշակին նախանձել։

― Ձեր խոսքը փոքրի Էմլիի՞ մասին է, ― հարցրի ես ակամա։

― Այո, սըր, նրա անունն Էմլի է, ― ասաց մր․ Օմրը, ― և նա իրավ փոքրիկ է։ Բայց պստիկ ու ճստիկ, և այնպիսի դեմք ունի, որ գրեթե մեր բոլոր կանայք կատաղած են նրա դեմ։

― Հերիք է, հայրիկ, ― գոչեց Միննին։

― Բոլոր կանայք որ ասում եմ, հո դու էլ նրանց թվումը չես, սիրելիս, ― նկատեց մր․ Օմրը, ինձ աչքով անելով։ ― Բայց ճշմարիտ մեր Յարմաութի կանանց կեսը, և ինչքան որ կանայք կան երեսուն վերստի շրջանում, ատելով ատում են այդ աղջկան։

― Եթե այդպես է, ― ասաց Միննին, ― թող իր չափն ու դիրքը գիտենա և ինքն իրեն այնպես պահի, որ իր մասին շատ խոսելու առիթ չտա։

― Առիթ չտա, ― գոչեց մր․ Օմրը։ ― Ուրեմն կյանք ասածդ այդքան ես ճանաչում, սիրելիս։ Ո՞վ կարող է կանանց լեզուն կապել և հարկադրել, որ ուրիշին չբամբասեն, երբ մանավանդ այդ ուրիշը մի գեղեցիկ աղջիկ է։

Այս խորամանկ կատակից հետո, մր․ Օմրը այնպես հազաց, որ քիչ էր մնում խեղդվի։ Նրա կուրծքը արագ բարձրանում ու իջնում էր և չնայելով ճիգերին՝ նա չէր կարողանում շունչ քաշել։ Կարծում էի, թե ծերունին այդ կտտանքի մեջ վայր կընկնի և հոգին կավանդի։ Սակայն վերջ ի վերջո հանգստացավ, թեև դարձյալ ծանր էր շնչում, և սաստիկ թուլությունից գնաց նստեց աթոռի վրա։

― Տեսնո՞ւմ եք, ― ասաց նա, ճակատի պաղ քրտինքը սրբելով։ ― Էմլին մեր շրջանում շատ բարեկամներ չունի և տղաներից ոչ մեկը նրա սիրտը դեռ չի գրավել։ Այս պատճառով չար լեզուները լուր են տարածում, թե նա ուզում է մի ազնվական տիկին դառնալ։ Իմ կարծիքով այդ լուրը գլխավորապես նրա համար է ծագել, որ Էմլին մի երկու անգամ դպրոցում ասել է, որ եթե մի օր տիկին դառնա, իր հորեղբոր համար այս և այն կանի․․․ տեսնո՞ւմ եք․․․ այս և այն բանը կընծայի նրան։

― Հավատացնում եմ ձեզ, մր․ Օմր, ― ասացի ես, ― ինձ էլ Էմլին միևնույնն է ասել, երբ որ մենք դեռ մանուկ էինք։

Մր․ Օմրը գլուխը կախեց ու կզակը շփեց։

― Հարկավ ասած կլինի, ― շարունակեց նա։ ― Էմլին իրոք ազնվական տիկնոջ նման է, գոնե այն իմաստով, որ ոչ ոք չգիտե նրա պես ճաշակով հագնվել։ Մի չնչին կտոր էլ նրան որ տաք, այդ կտորից մի այնպիսի սիրուն բան կձևի, որ մյուսները մոդայի խանութն էլ որ դատարկեն, այդպես ձևել ու հարմարեցնել չեն կարող։ Եվ հենց այս է, որ մյուսներին դուր չի գալիս։ Է՛հ, ինչ թաքցնեմ։ Նա, ճշմարիտ, փոքր֊ինչ կամակոր է․․․ այսինքն՝ փոքրությունից նրան երես են տվել, և նա անձնահաճ դառնալով, երբեմն ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում։ Հո սրանից ավելի բան չի՞ կարելի ասել այդ աղջկա դեմ, Միննի։

― Ոչ, հայրիկ, ― հաստատեց մրս․ Ջորեմը։ ― Ուրիշ բան ասել չի կարելի նրա դեմ։

― Եվ ահա, սըր, ― շարունակեց մր․ Օմրը, ― երբ մի նեղսիրտ ու պառավ լեդիի մոտ ընկերուհու տեղ էին գտել նրա համար, նա չկարողացավ պառավին տանել և նրա մոտ մնալ։ Այնուհետև երեք տարով մեզ մոտ մտավ կար ու ձև սովորելու։ Արդեն երկու տարին անցել է, և պիտի ասեմ, որ նրանից ավելի աշխատասեր աղջիկ չի ճարվի։ Էմլին վեց աղջիկ արժի։ Չէ՞, Միննի, որ նա մենակ վեց հոգուց ավելի բան կանի։

― Այո, հայրիկ, ― հաստատեց Միննին։ ― Ես երբեք նրա արժանիքը չեմ ուրացել։

― Եվ լավ ես արել, ― ասաց մր․ Օմրը։ ― Էլ չխոսենք այս մասին։ Ինձ նման դժվարաշունչ մարդու համար այսքանն էլ շատ է, երիտասարդ ջենտլմեն, ― վերջացրեց մր․ Օմրը, նորից կզակը շփելով։

Էմլիի վերաբերյալ խոսակցության կիսաձայն ու զգուշավոր եղանակից եզրակացրի, որ նա հեռու չպիտի լինի։ Այս մասին արած հարցումիս մր․ Օմրը գլխի շարժումով «այո» ասաց ու դեպի կից սենյակն ակնարկեց։ Իսկ երբ ես շտապով հարցրի, թե կարո՞ղ եմ արդյոք ներս նայել, նա հաստատական նշան արավ։ Ես դռան ապակուն մոտեցա և տեսա Էմլիին, որ նստած աշխատում էր։ Նա իրոք գեղեցիկ էր։ Այն կապուտակ ջինջ աչքերով, որոնք երբեմն թափանցել էին իմ մանկական սրտի խորքը, նա ժպտուն նայում էր Միննիի մյուս երեխային, որն այնտեղ խաղում էր։ Նրա պայծառ դեմքի վրա նշմարելի հասունությունը կարծես թե հաստատում էր՝ ինչ որ ասվել էր նրա մասին, և թեպետ հայացքի մեջ դեռ փայլում էր հին քմահաճության նշույլը, բայց ժպտուն երեսն անմեղության ապացույց էր և ապագա երջանկության ու առաքինության գրավական։

Մինչդեռ դրսից դարձյալ հնչում էր կռանի շաչյունը, որ, ավա՜ղ, հավիտյան չպիտի դադարի։

― Գուցե կամենաք ներս մտնել ու հետը խոսել, ― ասաց մր․ Օմրը։ ― Մտեք, սըր։ Համարեցեք, թե ձեր տանն եք։

Սակայն ես քաշվեցի այդ հրավերին հետևել․․․ ինքս էլ չգիտեմ թե ինչո՞ւ․․․ գուցե երկյուղից, թե աղջկան կամաչեցնեմ, ինքս էլ նրա առաջ կամաչեմ։ Հարցրի միայն, թե Էմլին երեկոյան ո՞ր ժամին է տուն վերադառնում, որ մենք էլ հենց այն ժամին այցելություն անենք նավատուն, այնուհետև հրաժեշտ տվի մր․ Օմրին, նրա սիրուն աղջկան ու թոռնիկներին, և գնացի Պեգգոտիին տեսնելու։

Ահա իմ սիրելի, իմ պատվական դայակը ճաշ էր եփում խոհանոցում։ Դուռը բախելուս պես՝ նա բաց արեց ու հարցրեց, թե ի՞նչ եմ ուզում։ Ես ժպտացի, նա լուրջ էր։ Ես չէի դադարել նրան նամակներ գրելուց, բայց արդեն յոթը տարի է, որ իրար երես չէինք տեսել։

― Մր․ Բարկիսը տա՞նն է, տիկին, ― հարցրի ես, աշխատելով կոշտ ձայն հանել։

― Տանն է, սըր, միայն թե այժմ հոդացավ ունի, պառկած է, ― պատասխանեց Պեգգոտին։

― Էլ Բլենդրոտըն գնալ֊գալ չունի՞։

― Առողջ ժամանակ գնում է, սըր։

― Իսկ դուք, տիկին, չե՞ք լինում այնտեղ։

Պեգգոտին ավելի մեծ ուշադրությամբ երեսիս նայեց, և ես նկատեցի, որ նրա ձեռքերը թեթև դողդողացին։

― Կցանկանայի այնտեղի մի տան մասին հարցնել, որ մի ժամանակ, կարծեմ․․․ Րուկրի էր կոչվում։

Պեգգոտին մի քայլ ետ քաշվեց ու ձեռքերը դողալով մեկնեց։

― Պեգգոտի, ― գոչեցի ես։

― Իմ հոգյակ, Դեվիս, ― կանչեց նա, և, երկուսս էլ միասին լաց լինելով, իրար փարվեցինք։

Թե Պեգգոտին որքան ծայրահեղ բաներ արեց այդ միջոցին, որքան արտասվեց, որքան խնդաց, որքան հպարտություն ցույց տվեց և որքան վիշտ, որ մայրս անգամ, որ ինձանով ամենից շատ պիտի հրճվեր ու պարծենար, չէր կարող այդքան ողջագուրել իր միակ որդուն ― այս բոլորն արտահայտել անզոր եմ։ Ես ի սրտե մասնակից եղա նրա հոգեկան հուզումներին՝ առանց բնավ վախենալու, թե երեխա կերևամ նրա աչքին։ Կարող եմ ասել, թե ամբողջ կյանքումս, մինչև անգամ Պեգգոտիի առջև, այնքան ազատ չէի խնդացել ու լացել, ինչքան այդ առավոտ։

― Բարկիսը այնպե՜ս կուրախանա, ― ասաց Պեգգոտին, գոգնոցով աչքերը սրբելով, ― այս բանը նրան մի դույլ դեղից ավելի կօգնե։ Ասե՞մ նրան, որ ասյտեղ ես, թե ինքդ, սիրելիս կուզենաս վերև գնալ նրան տեսնելու։

Մի՞թե կարելի էր, որ չուզենայի։ Սակայն Պեգգոտին այպես հեշտությամբ դուրս չգնաց սենյակից, ինչպես որ մտադիր էր, որովհետև շեմքին մոտենալուն պես՝ շուռ էր գալիս ու նորից սկսում, գլուխը ուսիս դրած, ծիծաղել ու լալ։ Գործը հեշտացնելու համար վերջ ի վերջո ես ինքս նրա հետ բարձրացա և մի րոպե դռան մոտ սպասելուց հետո, մինչև որ նա նախապատրաստեր իր ամուսնուն, ներկայացա հիվանդին։

Մր․ Բարկիսը կատարյալ ցնծությամբ բարևեց ինձ, բայց չկարողանալով աջը մեկնել, խնդրեց քաշել իր թասակի ծոպից, որ և սիրով կատարեցի։ Նա ասաց, թե իր համար անասելի թեթևություն է երևակայել, իբր թե նորից Բլենդրոտըն է տանում ինձ։ Նա պառկած էր երեսն ի վեր և այնպես փաթաթված, որ կարծես թե, քերովբեների սովորական պատկերի նման, երեսից զատ ուրիշ բան չունի, և այս դիրքով մի տարօրինակ պատկեր էր ներկայացնում։

― Այն ի՞նչ անուն էր, մր․ Դավիթ, որ առաջին անգամ կառքիս վրա գրեցի, ― ասաց մր․ Բարկիսը ցավագին ժպիտով։

― Էհ, մր․ Բարկիս, այդ մասին մենք իրար հետ շատ լուրջ խորհրդակցել էինք։

― Չէ՞որ ես նրան վաղուց էի ուզել։

― Շատ վաղուց, մր․ Բարկիս։

― Չեմ էլ ափսոսում, որ ուզել էի, ― ասաց մր․ Բարկիսը։ ― Հիշում եք, սըր, ինչե՜ր էիք պատմում նրա մասին։ Ասում էիք, թե ձեր բոլոր կարկանդակներն ու ճաշը նա է պատրաստում։

― Ինչպե՜ս չհիշեմ։ Լավ եմ հիշում։

― Եվ այդ բոլորը ժամացույցիս պես ուղիղ էր, ― ասաց մր․ Բարկիսը, թասակի ծոպը թոթվելով, որը իր խոսքերին զորություն տալու միակ միջոցն էր, ― և այնպես ճիշտ, ինչպես որ մաքսերի չափը։ Իսկ դրանից ճիշտ էլ ի՞նչ կա։

Մր․ Բարկիսը հարցական հայացքով երեսիս նայեց, սպասելով, որ հավանություն տամ իր մտքին, որ հղացել էր անկողնում, և ես կատարյալ հավանություն տվի։

― Դրանից ավելի հաստատ ու ճիշտ բան չկա, ― կրկնեց մր․ Բարկիսը։ ― Ինձ նման չքավորը հեշտ է համոզվում հիվանդության անկողնում, որ այս բոլորը ճշմարիտ է։ Ես շատ չքավոր մարդ եմ, սըր։

― Շատ ցավում եմ, եթե այդպես է, մր․ Բարկիս։

― Այո, իրոք շատ աղքատ եմ, մր․ Դավիթ։

Այս ասելուն պես նա իր ձեռքը կամաց֊կամաց վերմակի տակից դուրս հանեց ու դողալով բռնեց մի գավազան, որը թոկով կապված էր մահճակալից։ Գավազանի ծայրը դժվարությամբ դեսուդեն շարժելիս նա իր դեմքը մի քանի անգամ այլալեց։ Վերջապես գավազանը մի սնդուկի դիպավ, որի մի ամկյունը վաղուց արդեն տեսել էի։ Այնուհետև հիվանդի դեմքը նորից փոքր֊ինչ զվարթացավ։

― Այստեղ իմ հնոտիներն են պահված, մր․ Դավիթ։

― Է՜, է՜։

― Երանի թե մեջը փող լիներ, սըր։

― Ճշմարիտ որ լավ կլիներ, ― ասացի ես։

― Բայց ցավն էլ այդ է, որ չկա, ― ասաց մր․ Բարկիսը, աչքերը լայն֊լայն բանալով։

Ես հայտնեցի, թե նրա ասածին հավատում եմ։ Այն ժամանակ մր․ Բարկիսն ավելի հանգիստ նայեց իր կնկան ու ասաց․

― Կլարա Պեգգոտի Բարկիսից ավելի օգտակար ու աշխատասեր կին արար֊աշխարհում չի ճարվի։ Որքան էլ գովես, արժանի է Կլարա Պեգգոտի Բարկիսը։ Հոգյակ իմ, այսօր դու մեր հյուրերի համար մի լավ ճաշ կպատրաստես, լավ ճաշ եմ ասում, իմացա՞ր։ Գինին էլ չմոռանաս։

Ուզում էի բողոքել այդ ավելորդ մեծարանքի դեմ, բայց անկողնու մյուս կողմում կանգնած Պեգգոտին այնպես արգելական շարժումներ արեց իմ հասցեին, որ ակամա լռեցի։

― Մոտս մի քիչ փող ունեմ, այ կնիկ, ― ասաց մր․ Բարկիսը, ― բայց չեմ հիշում որտե՞ղ է։ Այժմ սաստիկ հոգնած եմ։ Դու Դավթի հետ ներքև գնա։ Ես մի քիչ կմրափեմ, գուցե հետո փողը գտնեմ ու քեզ տամ։

Մենք հեռացանք սենյակից։ Դռնից որ ելանք, Պեգգոտին հայտնեց, թե մր․ Բարկիսը վերջերս ավելի ժլատացել է և սովորություն արել՝ սնդուկից որևէ շիլինգ հանելուց առաջ այդպիսի խորամանկություն բանեցնել, թեև սաստիկ չարչարվում է անկողնուց մենակ վերկենալիս և անհրաժեշտ գումարը թշվառ սնդուկից հանելիս։ Եվ իրոք շատ չանցած նա սկսեց խուլ հեծեծանքի ու տնքոցի ձայներ հանել, ասես թե իր մարմնի բոլոր հոդերը կտրտելիս լինեին։ Պեգգոտիի աչքերը կարեկցության արտասուքով լցվեցին, բայց նա ասաց, թե այդ վեհանձն ճիգերը հիվանդի համար օգտակար են, և ցանկալի է, որ շուտ֊շուտ կրկնվեն։ Եվ այսպես մր․ Բարկիսը շարունակեց հառաչել ու տնքալ, անշուշտ տաժանելի ցավեր կրելով, մինչև որ նորից անկողին մտավ․ այն ժամանակ նա մեզ կանչեց ու ասաց․

― Տեսա՞ք, ինչպես քունս կարճ տևեց։ Ուժերս ետ եկան և ես իսկույն հիշեցի, որ բարձիս տակ մի գինե կար։ Ահա՛։

Մենք հարկավ այնպես ձևացանք, որ իբր թե իր ասածին հավատում ենք։ Նա զվարթացավ, կարծելով թե իր սնդուկի գաղտնիքը ծածուկ է մնացել մեզ համար, և այս ենթադրությունը բավական վարձատրեց նրան իր բոլոր տանջանքների փոխարեն։

Իմաց տվի Պեգգոտիին Ստիտֆորթի գալու մասին, և մենք նրան երկար չսպասեցինք։ Վստահ էի, որ դայակս իմ ընկերոջը նույն սիրով կընդունի, ինչպես որ կընդուներ իր անձնական բարերարին, և համենայն դեպս, սրտագին մտերմությունը, զվարթ սիրտը, թեթև ձևերը, սիրուն դեմքը, ամեն մեկին հարմարվելու շնորհքը, յուրաքանչյուրի զգայուն լարն իր ուզածին պես շարժելու ձիրքը հինգ րոպեում հրապուրեցին Պեգգոտիին։ Ստիրֆորթի սրտագին վարմունքն ինձ հետ՝ բավական էր, որ դայակս գրավվեր նրանով։ Ես լիովին համոզված եմ, որ մեր հեռանալու ժամանակ Պեգգոտին արդեն պաշտում էր նրան։

Ստիրֆորթը սիրով խոսք տվեց ինձ՝ հետս միասին ճաշելու։ Նա լույս ու օդ էր մր․ Բարկիսի սենյակում․ նրա ներկայությունը մի կազդուրիչ ու զորավոր բալասան եղավ հիվանդի համար։ Նրա շարժմունքի ու խոսվածքի մեջ ո՛չ շռինդ կար, ո՛չ ջանք ու ճիգ, ո՛չ սեթևեթանք․ ի՛նչ էլ աներ, ի՛նչ էլ ասեր, այնպես պարզ էր, այնպես բնական, շնորհալի ու սփոփիչ, որ այսօր անգամ այդ բոլորը հիշելիս ես չեմ կարող չհիանալ։

Շատ զվարթ էինք Պեգգոտիի փոքրիկ ճաշարանում։ Մարտիրոսների հին գիրքը, որի թերթերին իմ հեռանալուցս ի վեր ոչ մի ձեռք չէր դիպել, դարձյալ մնում էր գրակալի վրա։ Ես նորից սկսեցի աչքի անցկացնել նրա սոսկալի պատկերները, որոնք երբեմն այնքան սարսափ էին պատճառել ինձ, բայց այս անգամ այդպիսի բան չզգացի։ Երբ Պեգգոտին իմ սենյակի մասին խոսք բաց արեց ու ասաց, թե նա միշտ ինձ համար պատրաստ է, և հույս հայտնեց, թե կուզենամ այդ սենյակում գիշերել, ես վարանելով Ստիրֆորթի դեմքին նայեցի։ Ստիրֆորթն իսկույն միտքս հասկացավ ու գոչեց․

― Հարկավ։ Քանի որ մենք Յարմաութում ենք, դու այստեղ կքնես, ես՝ պանդոկում։

― Սակայն, Ստիրֆորթ, ― ասացի ես, ― քեզ այսքան հեռու տեղ բերել և հետո քեզնից բաժանվել, այս, կարծեմ, ընկերական վարմունք չէ։

― Չէ՞ որ դու ի բնե այդ տանն ես պատկանում, ― ասաց նա։ ― Այս հանգամանքի առջև ի՞նչ նշանակություն ունի քո «կարծեմը»։

Խնդիրն արդեն վճռված էր։

Ստիրֆորթն իր հաղթական դերը մինչև վերջին վայրկյանը պահպանեց, և ժամը ութին մենք ճանապարհ ընկանք դեպի մր․ Պեգգոտիի նավատունը։ Քանի ժամերն անցնում էին, այնքան էլ նրա շքեղ ձիրքերի փայլն աճում էր։ Այն ժամանակ, ինչպես և այսօր, ինձ թվում էր, թե հաճոյանալու կարիքը, հաղթանակից սնունդ առնելով, է՛լ ավելի նորություն էր տալիս նրա մտքին և ուժեղացնում էր նրա ի բնե ազդու հրապույրը։ Եթե այն երեկո մեկն ինձ ասեր, թե իմ շնորհալի ընկերը միայն խաղում է իր հոյակապ ձիրքերով՝ լոկ իր գերազանցությունը ցույց տալու և իր պարզամիտ ունկնդիրներին մի վայրկյան դյութելու համար, որպեսզի հետևյալ վայրկյանին նույն հեշտությամբ նրանց մոռանա, ― ես չգիտեմ, թե այդ լիրբ զրպարտությունը ինչ զայրույթ կշարժեր իմ մեջ։

Դա անշուշտ ավելի կսաստկացներ, եթե միայն կարելի էր սաստկացնել, իմ սիրավառ անձնվիրության ու ջերմ բարեկամության զգացումը, որով լցված՝ նրա հետ միասին առաջ էի գնում՝ մթապատ ծովեզերքի երկարությամբ դեպի հին նավատունը․ մինչդեռ սառը քամին տխուր հեծում էր և ավելի ողբալի ձայներ հանում, քան այն գիշեր, երբ ես առաջին անգամ ոտք էի դրել մր․ Պեգգոտիի շեմքի վրա։

― Բավական ամայի և վայրի տեղ է, չէ՞, Ստիրֆորթ, ― ասացի ես։

― Այո, շատ զվարթ չի թվում ինձ, մանավանդ մթնով, ― պատասխանեց նա։ ― Ծովն էլ սոված գազանի նման ոռնում է, կարծես սպառնալով լափել մեզ։ Բայց ահա այնտեղ՝ նավի վրա լույս եմ տեսնում։

― Նավատունն էլ հենց այդ է, ― ասացի ես։

― Ճիշտ դրա մոտովն էր, որ այս առավոտ զբոսնելիս անցա, ― հարեց Ստիրֆորթը։ ― Կարծես թե բնազդով լիներ։

Լուռ շարունակեցինք լույսի ուղղությամբ առաջ գնալ և կամաց մոտեցանք նավի դռանը։ Ես շշնջացի Ստիրֆորթին, որ իմ հետևից գա, ու դուռը բանալով ներս մտա։

Դեռ դրսից լսել էինք խառը ձայներ․ ներս որ մտանք, ծափի հարվածներ թնդացին, և ես զարմանալով տեսա, որ ծափ տվողը միշտ տխուր մրս․ Գըմիջն է։ Սակայն այս անսովոր զվարթությամբ ոգևորվողը միայն նա չէր։ Մր․ Պեգգոտին էլ ուրախ ծիծաղում էր և իր կոշտ թևերը մեկնած՝ ուզում էր գրկել Էմլիին։ Հեմը, որի երեսին թե՛ խնդություն, թե՛ հիացմունք և թե՛ երկյուղ էր երևում, Էմլիի ձեռքից բռնել էր և կարծես վճռել մոտեցնել նրան մր․ Պեգգոտիին։ Իսկ ինքը՝ փոքրիկ Էմլին, շառագունած և շփոթված, բայց և հրճված մր․ Պեգգոտիի ցնծության վրա, Հեմի ձեռքից դուրս պրծնելով, արդեն պատրաստ էր մր․ Պեգգոտիի գիրկն ընկնել, երբ ամենից առաջ մեզ նկատեց ու կանգ առավ։ Այս էր ընդհանուր տեսարանը, որ բացվեց մեր առջև, երբ գիշերվա ցրտից ու խավարից, հանկարծ նավավարի տաք սենյակը ոտք դրեցինք։ Մրս․ Գըմիջը գժի նման ծափ էր տալիս սենյակի խորքում։

Այդ տեսարանը մեր մտնելուն պես փոխվեց։ Մինչդեռ ես արդեն կանգնած էի ապշած խմբի մեջտեղում՝ մր․ Պեգգոտիի հանդեպ ու սիրով նրա աջն էի սեղմում, Հեմը գոռաց․

― Մաստր Դեվի՜ն, մաստր Դեվի՜ն։

Իսկույն ևեթ բոլորս սկսեցինք միասին իրար ողջունել, միասին խոսել ու փոխադարձ ուրախություն հայտնել։ Մր․ Պեգգոտին մեզ տեսնելուց այնպես գոհ էր, այնպես ուրախ, որ չգիտեր, թե ինչ ասի կամ անի։ Մերթ իմ աջն էր սեղմում, մերթ Ստիրֆորթի, մերթ նորից իմը, մերթ նորից շփելով դեսուդեն ընկնում, և լիաթոք զվարճությունից քրքջում։ Ախորժելի էր այդ միջոցին տեսնել նրան։

― Աստվա՜ծ իմ, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Այսպիսի բան ո՞վ էր սպասում։ Երկու ջենտլմեն․․․ երկու երիտասարդ ջենտլմեն․․․ իմ խոնարհ հարկի տակ, այն էլ այս գիշեր։ Գիտե՞ք՝ այս ի՞նչ գիշեր է։ Ես կյանքումս այսպիսի գիշեր չեմ վայելել․․․ Էմլի, հոգյակս, մոտեցիր, մոտս եկ, չարաճճի դիցուհիս։ Սա, սիրելիս, մեր Դեվիի ընկերն է, գիտե՞ս։ Սա այն պարոնն է, որի մասին արդեն լսել ես, Էմլիկ իմ։ Եկել է քեզ այցելելու Դեվիի հետ միասին, այն էլ մի այնպիսի ուրախ գիշեր, որի նմանը հորեղբայրդ չէր տեսել, չի էլ տեսնի այսուհետև։ Ապրեն մեր ջենտլմեննեը։ Հուռռա՜։

Մր․ Պեգգոտին այս ճառն անսահման ոգևորությամբ և շնչով արտասանելուց հետո՝ թոռնիկի գլուխը բռնեց, մի տասն անգամ ջերմ համբուրեց, հուժկու գրկում սեղմեց և նրա գլուխը սկսեց շոյել, բայց այնպես կամաց շփելով, ինչպես որ մի տիկնոջ ձեռք կշփեր։ Հետո թողեց, որ գնա, և երբ Էմլին վազեց֊փախավ այն սենյակը, որ մի ժամանակ իմ ննջարանն էր, մր․ Պեգգոտին, անսովոր հրճվանքից համարյա թե շնչասպառ, մեզ նայեց և ասաց․

― Եթե ձեզ նման երկու ջենտլմեն․․․ երկու հասակավոր ու քաջազարմ տոհմիկներ․․․

― Ի՜նչ լավ ասաց, ― գոչեց Հեմը։ ― Լավ ասաց, չէ՞, մաստր Դեվի։ Իրոք որ երկու հասակավոր ու քաջազարմ տոհմիկներ։ Այո՜, այո՜։

― Եթե դուք, երկու հասակավոր ու քաջազարմ ջենտլմեններ, ― շարունակեց մր․ Պեգգոտին, ― կներեք ինձ, երբ որ իմանաք, թե ինչո՞ւ եմ այսպես գժված, այն ժամանակ ներողություն կխնդրեմ ձեզնից։ Էմլի, հոգյակ իմ, ա՛յ Էմլի․․․ Նա գիտե, թե ինչ եմ ուզում իրեն ասել և դրա համար փախավ։ Հա՜, հա՜, հա՜։ Էյ, պառավ, գնա տես՝ ուր փախավ։

Մրս․ Գըմիջը գլուխը շարժեց ու գնաց։

― Եթե այս գիշերն իմ կյանքի ամենաերջանիկ գիշերը չլիներ, ― ասաց մր․ Պեգգոտին, մեզ հետ միասին կրակի առջև նստելով, ― թող ես մի խեցգետին դառնամ, այն էլ խաշած խեցգետին, էլ ինչ ասեմ․․․ Այդ փոքրիկ Էմլին, սըր, ― կիսաձայն շարունակեց մր․ Պեգգոտին, Ստիրֆորթի կողմը հակվելով, ― այդ աղջիկը, որ իսկույն կարմրեց ու փախավ․․․

Ստիրֆորթը միայն գլխով մի հաստատական նշան արեց, բայց այդ միակ շարժման մեջ այնքան ջերմ ուշադրություն ու համակրություն ցույց տվեց մր․ Պեգգոտիի հրճվանքին, որ սա մի որոշ բան լսածի պես պատասխանեց․

― Այո, ճիշտ այդպես է։ Շնորհակալ եմ, սըր, որ նրան լավ եք ճանաչել։

Հեմը մի քանի անգամ ակնարկեց ինձ, հասկացնելու համար, թե ինքն է պատրաստ նույնը կրկնել։

― Այդ փոքրիկ Էմլին, ― շարունակեց մր․ Պեգգոտին, ― մեր տան․․․ ինչպե՞ս ասեմ․․․ ես մի տգետ, աշնորհք մարդ եմ․․․ մեր տան զվարթուն հրեշտակն է։ Նա իմ զավակը չէ, ես երբեք զավակ չեմ ունեցել, բայց եթե ունեցած էլ լինեի, Էմլիից ավելի չէի սիրի։ Արևս վկա, հարազատ զավակիս անգամ ավելի շատ չէի սիրի, քան Էմլիին։ Հասկանո՞ւմ եք։

― Լիովին, ― ասաց Ստիրֆորթը։

― Գիտեի, որ կհասկանաք, ― վրա բերեց մր․ Պեգգոտին, ― և նորից շնորհակալ եմ։ Մաստր Դեվին լավ է հիշում, թե մի ժամանակ Էմլին ի՜նչ աղջիկ էր, իսկ թե այժմ ինչպե՞ս է, այդ ինքներդ կարող եք դատել։ Բայց ո՛չ դուք, սըր, ո՛չ էլ մաստր Դեվին չեք կարող իմանալ, թե այդ աղջիկն ի՞նչ էր, ի՞նչ է և ի՞նչ պիտի լինի սրտիս համար, որ նրան այնքան սիրում է։ Ես մի ծովային ոզնու նման բիրտ մարդ եմ, սըր, բայց կասեմ, որ մի կնոջից բացի, ոչ ոք չգիտի և չի կարող իմանալ, թե ինչ է ինձ համար փոքրիկ Էմլին։ Մեր մեջ մնա, ― ասաց նա, դարձյալ ձայնն իջեցնելով, ― չկարծեք թե միստրիս Գըմիջն է այդ կինը, թեև դա էլ հազար գովասանքի արժանի կին է։

Մր․ Պեգգոտին գլխի մազերը սաստիկ խառնեց, որ նշան էր, թե մտադիր է ճառը շարունակել, և ձեռքերը ծնկներին դեմ տալով, ասաց․

― Մի մարդ էլ կա, որ Էմլիին այդ օրից է ճանաչում, երբ նրա հայրը ջրասույզ եղավ։ Այդ մեկն այնուհետև միշտ նրա հետ էր։ Նրա հետ էր, երբ Էմլին դեռ երեխա էր, նրա հետ էր, երբ ջահել աղջիկ էր, նրա հետ էր, երբ վերջապես, մի չափահաս օրիորդ դարձավ։ Թեև այդ մեկը շատ գրավիչ դեմք չունի ― նա էլ ինձ նման կոշտ ու կոպիտ մի բան է, ― բայց ազնիվ ու քաջասիրտ տղա է։

Ոչ մի ժամանակ չէի տեսել Հեմին այն աստիճան ուրախ ժպտալիս, ինչպես որ ժպտաց այդ րոպեին։

― Ի՞նչ եք կարծում, ― ասաց մր․ Պեգգոտին ամենամեծ հիացմունքով, ― այդ անտաշ ձկնորսը Էմլիին է տալիս իր սիրտը։ Սկսում է նրա հետևից ման գալ, գերու պես ծառայում է նրան, գիշեր֊ցերեկ մաշվում է ու, վերջապես, իր ցավի պատճառն ինձ հայտնում․․․ Դե, պարոններ, ես էլ էի ուզում, որ մեր Էմլին ամուսնանա, մի այնպիսի ազնիվ մարդու հետ, որ նրան պաշտպաներ։ Ես չգիտեմ, դեռ որքա՞ն պիտի ապրեմ ― գուցե մահս մոտեցել է, բայց այս միայն գիտեմ, որ եթե մի գիշեր հանկարծ կատաղի քամին նավակս շուռ տա և ես լեռնանման կոհակների վրայից վերջին անգամ մեր Յարմաութի լույսերը տեսնեմ, հանգիստ սրտով անդնդասույզ կլինեմ, ասելով ինձ․ «Ահա այնտեղ՝ ափի վրա մի տղամարդ կա, որ երկաթի ամրությամբ հավատարիմ է Էմլիին։ Եվ քանի որ այդ մարդը ողջ է, ո՛չ մի չարիք, ո՛չ մի վտանգ չի հասնի իմ Էմլիին։ Թող երկուսին էլ աստված օրհնե»։

Մր․ Պեգգոտին այս ճառից բորբոքված, իր աջը մեկնեց, կարծես թե ալիքների խորքից Յարմաութի լապտերներին վերջին ողջույն առաքելով, և հետո Հեմին ակնարկելով, որ անքթիթ նրան էր նայում, շարունակեց․

― Ես էլ այն մեկին ասացի, որ գնա խոսի Էմլիի հետ։ Թեև նա մի ահագին տղա է, բայց երեխայի պես ամաչկոտ է և չի ուզում խոսել։ Այն ժամանակ ես խոսեցի։ «Ի՞նչ, նրա՞ն, ― ասաց Էմլին։ ― Նրան, որի հետ գրեթե մեծացել եմ և որին եղբորս պես սիրել եմ։ Ո՛չ, ապեր, ես նրան չեմ գնա։ Նա այնքան բարի է»։ Ես համբուրեցի Էմլիին ու ասացի․ «Սիրելիս, լավ ես անում, որ միտքդ պարզ ես հայտնում․ ուրեմն ինքդ ընտրիր ում որ կուզես, չէ՞ որ թռչնիկի նման ազատ ես»։ Այնուհետև տղայի մոտ գնացի ու ասացի․ «Այ տղա, շատ էի ուզում, որ բանը գլուխ գա, բայց չեղավ։ Է՜հ, ինչ արած։ Երկուսդ էլ այնպես մնացեք, ինչպես որ էիք մինչև այժմ, և իմ խորհուրդն այս կլինի, որ դու նրա հետ ազնիվ լինես, ու համբերես»։ «Լավ ― ասաց տղան, ― շնորհակալ եմ», և ձեռքս սեղմեց։ Եվ ահա նա տված խոսքը երկու տարի ազնվաբար պահում էր, և մենք հանգիստ ապրում էինք միասին։

Մր․ Պեգգոտիի դեմքը, որ իր պատմության այլևայլ իմաստների համեմատ փոփոխվում էր, նորից մի հաղթական զվարթության փայլ ստացավ։ Նա իր ձեռքերն ամուր շփեց (ասելիքն ավելի ազդու անելու համար), մեկը դրեց իր ծնկի վրա, մյուսը՝ Ստիրֆորթի, և հետևյլա ճառը երկուսիս միջև բաժանեց։

― Հանկարծ, մի երեկո, և հատկապես այս երեկո, փոքրիկ Էմլին ինձ մոտ է գալիս, հետն էլ ահա այս տղան․․․ Այդտեղ զարմանալու ի՞նչ բան կա, կասեք դուք։ Զարմանալու բան, իհարկե չկա, որովհետև տղան սովոր է եղբոր պես ուղեկցել նրան թե՛ ցերեկը, թե՛ գիշերը և թե՛ ամեն ժամանակ։ Եվ այս կպրոտ ձկնորսը Էմլիի ձեռքից բռնում է և ուրախ֊ուրախ գոչում ինձ․ «Տես, քեռի, ահա իմ կինը»։ Էմլին էլ կես֊համարձակ, կես֊երկչոտ, ժպտալով ու լալով, ասում է․ «Այո, ապեր, եթե թույլ տաք»։ Եթե թույլ տամ, ― աղաղակեց մր․ Պեգգոտին՝ աչքերը վառված։ ― Տեր ողորմյա․ մի՞թե կարող էի թույլ չտալ, մի՞թե սրտիս փափագն էլ հենց այդ չէր։ «Եթե թույլ տաք, ― ասում է, ― այժմ ես ավելի խելոք եմ դարձել, ամեն բան մտածել եմ ու կաշխատեմ լավ կին լինել, որովհետև նա էլ բարի, լավ տղա է»։ Այդ րոպեին մրս․Գըմիջը սկսեց ծափ տալ, ինչպես անում են թատրոնում, և հանկարծ դուք ներս մտաք։ Ո՜ւֆ, պրծա, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Դուք ներս մտաք․ այս բոլորը կատարվեց ճիշտ այստեղ և այս ժամին։ Եվ ահա այդ տղան է, որ առնելու է Էմլիին։

Քիչ մնաց, որ Հեմը գլորվեր այն հարվածից, որ տվեց նրան հրճված մր․ Պեգգոտին ի նշան իր մտերմության ու սիրո, և հետո զգալով, որ ինքն էլ պարտավոր է մի բան ասել, հետևյալն ասաց ամենամեծ դժվարությամբ․

― Էմլին ձեզ նման պստիկ էր, մաստր Դեվի․․․ Երբ դուք առաջին անգամ մեզ մոտ եկաք․․․ Բայց դեռ այն ժամանակ ես գիտեի, որ կմեծանա։ Եվ տեսա, պարոններ, որ մեծացավ և․․․ ծաղկի նման բացվեց։ Օ՜հ, մաստր Դեվի, կյանքս կտամ նրա համար․ ամենամեծ ուրախությամբ, սիրով կտամ։ Նա ինձ համար ավելի թանկ է, պարոններ, քան․․․ քան ամեն բան, ինչ որ միայն կարող եմ ցանկանալ, և ավելի, քան․․․ ինչ որ կարող եմ լեզվով ասել։ Ես․․․ ես նրան սրտանց սիրում եմ։ Ջենտլմեն չկա երկրի վրա․․․ ոչ էլ որևէ ծովի վրա, որ իր օրիորդին այնպես սիրեր, ինչպես ես եմ նրան սիրում․․․ թեև ինձ նման շատերը կան, որ իրենց միտքն ավելի լավ կարտահայտեն։

Ես հուզված էի տեսնելով, թե ինչպես Հեմի նման մի վիթխարի, հուժկու տղա դողդողում է մի սիրունիկ էակի համար զգացած սիրուց, որ վառել էր իր սիրտը։ Ավելի գովելի էր այն անկեղծ վստահությունը տեսնել, որ մեզ Հեմն ու մր․ Պեգգոտին ընծայեցին։ Միով բանիվ՝ այս բոլոր պատմությունը վերին աստիճանի սիրտս շարժեց ու հուզեց։ Արդյոք մանկությանս հիշատակներ որքա՞ն ազդեցին վրաս ― չեմ կարող ասել․ ո՛չ էլ կարող եմ պնդել, թե արդյոք սրտիս մեջ Էմլին նորից սիրելու մի անորոշ հույս չէ՞ր շարժվում, երբ որ նրանց տնակը մտա։ Գիտեմ միայն, որ տեսածս ու լսածս հոգուս բերկրանք պատճառեց, բայց այնպիսի մի բերկրանք, որ հեշտ կարող էր դառն վշտին տեղի տալ։

Հետևաբար, եթե ընդհանուր լռությունը լուծելու պարտքն ինձ մնար, ես անշուշտ կշփոթվեի, բայց բարեբախտաբար Ստիտֆորթն այդ պարտքը կատարեց, և այնպես հաջող, որ մի քանի վայրկյանից հետո բոլորս էլ նորից զվարթացանք։

― Մր․ Պեգգոտի, ― ասաց նա, ― դուք մի բարեսիրտ, ազնիվ մարդ եք և մինչև ձեր վերջին շունչը այդպես երջանիկ մնալու արժանի, ինչպես որ եք այս գիշեր։ Ձեր ա՜ջը, Հեմ, ձե՜րն էլ։ Մաղթում եմ ձեզ լիակատար երջանկություն։ Դեվի, այդ կրակը մի լավ խառնիր, որ ինչքան կարելի է պայծառ վառվի։ Իսկ դուք, մր․ Պեգգոտի, եթե չհրամայեք ձեր նազելլի թոռնիկին այս անկյունը գալ նստել, որ ես ահա նրան եմ տալիս ― իսկույն ևեթ կհեռանամ։ Ինչ գանձ էլ որ տան ինձ, չեմ ուզենա ձեր կրակի առջև պարապ տեղ տեսնել, այն էլ մի այսպիսի գիշեր։

Մր․ Պեգգոտին իմ նախկին սենյակը գնաց Էմլիին բերելու, և որովհետև աղջիկը չէր գալիս, Հեմն էլ հորդորելու գնաց։ Վերջապես բերին նրան ու կրակի մոտ նստեցրին։ Էմլին սկզբում շատ խրտնած ու վարանած էր, բայց Ստիրֆորթի անբռնազբոս, պարզ վարմունքից նրա երկյուղը փարատվեց։ Ամեն բանից, ինչ որ կարող էր շփոթել աղջկան, Ստիրֆորթը զգուշությամբ խորշում էր։ Նա մր․ Պեգգոտիին դիմելով, սկսեց նավերի, նավակների, ծովերի, ձկների մասին խոսել, հետո, ինձ դիմելով, այն ժամանակը հիշեց, երբ մր․ Պեգգոտին մր․ Կրիկլի պանսիոնն էր եկել․ հետո ասաց, թե ուրախ է այն բոլոր իրերից, որ տեսնում է նավատան մեջ, և իր զվարթ աշխուժով այն աստիճան մեզ դյութեց, որ մենք էլ սկսեցինք ազատ խոսել։

Սակայն Էմլին այդ գիշեր շատ չխոսեց․ նա միայն լռիկ ականջ էր դնում ու դիտում․ նրա երեսը վառվում էր, ինքն էլ շատ գրավիչ էր։ Ստիրֆորթը մր․ Պեգգոտիի հետ խոսելիս, մի զարհուրելի նավաբեկության դեպք պատմեց և այնպես ազդու կերպով նկարագրեց, որ հենց իմանաս այդ դեպքը իր առջևն էր կատարվում, իսկ Էմլին անքթիթ նրան էր նայում, կարծես թե արկածի ամբողջ արհավիրքը իր դեմհանդիման տեսնելով։ Այնուհետև Ստիրֆորթը պատմեց, որպես հակապատկեր, իր հետ պատահած մի ծաղրալի անցք։ Այս կայտառ ու զվարճալի պատմությունից Էմլին անգամ ծիծաղեց և իր արծաթյա հնչուն ձայնով ամբողջ նավատունը թնդացրեց։ Նրա սրտառուչ ծիծաղով հմայած՝ մենք էլ, նույնիսկ Ստիրֆորթը, անզուսպ քրքիջ բարձրացրինք։ Ստիրֆորթը ստիպեց մր․ Պեգգոտիին նավաստիների երգը երգել կամ մռնչալ՝ «Երբ որ քամին փչի, գոչի ու գոռա»․ ինքն էլ հետո մի ուրիշ ծովային երգ երգեց այնպես շնորհքով ու եռանդով, որ ինձ թվում էր, թե կատաղի հողմը իսկապես ոռնում է ծովի վրա ու հեծելով ներս խուժում՝ մեզ հետ միասին լսելու նրան։

Գալով մրս․ Գըմիջին, Ստիրֆորթը նրան էլ անվերջ թախծի ճիրաններից հափշտակեց ― մի բան, որ նրա ծերուկի մեռնելուց ի վեր դեռ ոչ մի մարդու չէր հաջողվել գլուխ բերել (այս ինձ մր․ Պեգգոտին հայտնեց)։ Պառավ կինն ընկերոջս զվարթությամբ վարակված, իր թշվառության վրա փնթփնթալու ժամանակ անգամ չգտավ և հետևայլ առավոտյան խոստովանեց, թե Ստիրֆորթն անշուշտ նրան կախարդած կլիներ։

Պետք չէ, սակայն, ենթադրել, թե Ստիրֆորթը միայն իրեն էր վերապահում խոսելու մենաշնորհը։ Երբ Էմլին քիչ֊քիչ սիրտ առավ և սկսեց իր և իմ հին զբոսանքները մտաբերել, երբ մենք ծովափի վրա խեցիներ ու կոպիճներ էինք հավաքում, և ես հարցրի՝ արդյոք հիշո՞ւմ է թե որքա՜ն էի իրեն նվիրված, և երկուսս էլ կարմրեցինք ու ժպտացինք, այդ անդառնալի անցյալի մասին մտածելով ― Ստիրֆորթը լռիկ֊մնջիկ մտիակ էր անում թե՛ նրան, թե՛ ինձ։ Այդ միջոցին ու մինչև վերջը Էմլին նստած էր հին սնդուկի վրա, վառարանի անկյունում։ Հեմը նստած էր նրա կողքին՝ ճիշտ այնպես, ինչպես որ ես էի նստում մի ժամանակ։ Չիմացա ի՞նչ էր պատճառը ― արդյոք մի կուսական չարաճճի քմահաճո՞ւյք, թե մեզնից քաշվելը ― որ Էմլին ամբողջ երեկո պատին կպած դիրք բռնեց և ոչ մի անգամ իր նշանածին չդիպավ։

Կարծեմ արդեն կես֊գիշեր էր, որ մնաս բարով ասացինք։ Ընթրիքի ժամանակ նավաստիական պաքսիմատով ու տապակած ձկով պատվեցին մեզ։ Ստիրֆորթն իր գրպանից մի շիշ հոլանդական գինի հանեց, որ մենք տղամարդիկս (այժմ առանց ամաչելու կարող եմ ինձ էլ տղամարդ կոչել), մինչև վերջին կաթիլը քամեցինք։ Մեր հրաժեշտը սրտագին էր։ Ամբողջ գերդաստանը հավաքվել էր՝ մեզ լույս տալու դռան մոտ։ Էմլին Հեմի հետևից կապույտ աչքերով նայում էր մեզ և քնքուշ ձայնով զգուշացնում, որ ճանապարհը չկորցնենք։

― Շատ սիրուն աղջիկ է, ― ասաց Ստիրֆորթը ձեռքս բռնելով։ ― Իրավ որ մի զվարճալի անկյուն է այս անկյունը, միջի մարդիկ էլ՝ տարօրինակ։ Դժգոհ չեմ, որ նրանց տեսա։ Այդպիսիներին հանդիպելիս՝ նոր տպավորություններ եմ ստանում։

― Եվ ինչպես լավ էր, ― ասացի ես, ― որ նրանց ուրախ ժամին վրա հասանք։ Այդպիսի երջանիկ մարդիկ ես օրումս չեմ տեսել։ Անչափ գոհ եմ, որ նրանց մաքուր խնդությանը մենք էլ մասնակից եղանք։

― Ինձ թվում է, սակայն, ― ասաց Ստիրֆորթը, ― թե այդ դդմագլուխ ապուշը շատ հարմար չէ աղջկան։ Չէ՞, Դեվի։

Ստիֆորթը այնքան համակրություն էր ցույց տվել թե՛ Հեմին և թե՛ բոլորին, որ այս անակնկալ սառը հարցումից ես շվարած մնացի։ Սակայն երբ արագ շուռ գալով, նրա երեսին ժպիտ տեսա,հանգստացա ու ասացի․

― Ա՛հ, Ստիրֆորդ, որքան էլ այդ համեստ մարդկանց վրա ծիծաղես, որքան էլ միս Դարտլին գրգռես, որքան էլ իսկական զգացումներդ կատակներով քողարկես, ինձ փույթ չէ․ ես քեզ լավ եմ ճանաչում։ Մի՞թե չտեսա, թե ինչպես լավ ես հասկանում այդ հասարակ մարդկանց սիրտը, որքան լավ ես համակերպվում այդ բարի ձկնորսի երջանկությանը, որքան գիտես նույնիսկ դայակիս սերը գրավել։ Հավատացած եմ, որ այդ պարզ մարդկանց յուրաքանչյուր խնդությունը կամ վիշտը, զվարթ կամ տրտում զգացումը համակրության արձագանք կտա քո սրտում։ Եվ հատկապես դրա համար ես քսան անգամ ավելի եմ սիրում ու հարգում քեզ, Ստիրֆորթ։

Նա կանգ առավ, երեսիս նայեց և ասաց․

― Դեյզի, տեսնում եմ, անկեղծ ես խոսում․ դու բարի տղա ես։ Երանի թե բոլորս քեզ նման լինեինք։

Եվ հետևյալ վայրկյանին նա զվարթ սրտով մր․ Պեգգոտիի ծովային երգը հնչեցրեց, և մենք շտապեցինք Յարմաութ հասնել։


Բ․ գլուխ

Հին բեմի վրա նոր անձինք


Ստիրֆորթն ու ես երկու շաբաթից ավելի Յարմաութում մնացինք։ Ավելորդ է ասել, որ գրեթե միշտ միասին էինք։ Պատահում էր, սակայն, որ երբեմն իրարից մի քանի ժամով բաժանվում էինք։ Նա վարժ նավաստի էր, իսկ ես՝ ոչ, և երբ նա ու մր․ Պեգգոտին ձկնորսության էին գնում, ես սովորաբար ցամաքի վրա էի մնում։ Ես, որպես դայակիս հյուրը, փոքր֊ինչ կաշկանդված էի, այնինչ Ստիրֆորթն ազատ էր։ Ես տեսնում էի, որ պառավ Պեգգոտին ամբողջ օրը հիվանդ մարդուն է խնամում, և նրան ավելորդ նեղություն չտալու համար աշխատում էի գիշերները շուտ տուն գալ, մինչդեռ պանդոկում եղած Ստիֆորթը լիովին ազատ էր իր հակումներին հետևելու։ Այսպես ահա ականջիս հասավ, թե մի գիշեր իմ անկողին մտնելուց հետո, նա ձկնորսներին պատիվ է տվել «Զվարթ ընկեր» գինետանը, ուր երբեմն հաճախում էր և մր․ Պեգգոտին․ հետո իմացա, թե մի լուսնկա գիշեր, նավաստու շորեր հագած, ծովի վրա է մնացել և միայն լուսադեմին տուն եկել։ Սակայն ես նրա այդ արարքների վրա չէի զարմանում, որովհետև ինձ հայտնի էր, որ նրա աշխույժ բնավորությունը, անվեհեր ու բուռն ոգին ֆիզիկական հոգնության մեջ հաճույք են գտնում և ամեն տեսակ նոր ու զորեղ գրգիռներից բավականություն ստանում։

Երբեմն մենք իրարից բաժանվում էինք և այն պատճառով, որ ես մեկ֊մեկ Բլենդրոտըն էի գնում՝ իմ մանկության ծանոթ վայրերը տեսնելու համար․ այնինչ Ստիրֆորթը, մի անգամ այնտեղ ինձ հետ միասին լինելուց հետո, բնական է, որ նորից գնալու մի առաձին փափագ չէր զգում։ Եվ այսպես, որքան հիշում եմ, չորս անգամ պատահեց, որ առավոտյան նախաճաշից հետո, այլևայլ պատճառներով, մենք իրարից բաժանվում էինք և միայն երեկոյան ուշ ճաշին, նորից իրար հանդիպում։ Ես ամենևին տեղյակ չէի, թե ընկերս ինչպես է անցկացնում այս միջանկյալ ժամերը․ միայն երբեմն լսում էի, թե նա մի հանրածանոթ մարդ է դարձել Յարմաութում և կարող է հազար տեսակ զվարճություն գտնել, ուր ուրիշը մեկն էլ չէր գտնի։

Միայնակ պտույտներիս ժամանակ սիրելի էր ինձ հին ճանապարհին ամեն մի կանդունը մտաբերել և առանց հոգնելու այն տեղերը նայել, որոնք լի էին մանկությանս հիշատակներով։ Ես անդադար պտույտ էի գալիս այդ վայրերում, ինչպես հաճախ արել էի մտքիս մեջ, և սիրով կանգ առնում այդտեղ, ինչպես մտքով էլ արել էի, երբ մարմնով հեռու էի Բլենդրոտընից։ Ահա հանգստարանը և ծնողներիս գերեզմանը՝ ճյուղատարած ծառի տակ, ուր շատ անգամ մի տարօրինակ վշտակցությամբ կանգնել եմ, երբ գերեզմանը միայն հորս մարմինն էր ամփոփում, և ուր այնքան հուսահատ արտասվել եմ, երբ մայրիկս էլ իր մանկան հետ նրա գոգն իջավ ― մի գերեզման, որ հավատարիմ Պեգգոտիի ջանքերով, մինչև այժմ մաքուր էր պահվել, ու մի գեղեցիկ բուրաստան դարձել։ Գերեզմանը հանգստարանի մի անկյունումն էր գտնվում, ճանապարհի եզերքին։ Ետ ու առաջ ճեմելիս ես ժամերով կանգնում էի շիրիմի մոտ և վրայի անունները կարդում։ Այդ միջոցին ինձ անթիվ մտքեր էին պաշարում․ մտածում էի, թե ինչպիսի դեր պիտի խաղամ ապագայում և ինչ երևելի գործեր կատարեմ։ Հանգստարանի եկեղեցու ժամացույցը ժամանակ առ ժամանակ հնչում էր, և ես կարծես գերեզմանից լսում էի մորս ձայնը, որ ինձ օրհնում էր ու խրատում՝ ազնիվ շավղով առաջ գնալ կյանքի մեջ։

Մեր հին տունը շատ էր փոխվել։ Որորների թողած կիսավեր բույներն արդեն բոլորովին անհետացել էին․ ծառերն էլ այնպես խուզվել էին, որ այլևս չէր կարելի ճանաչել։ Պարտեզը միանգամայն խոպանացել էր և տան պատուհանները կիսով չափ փակ էին։ Տան այժմյան բնակիչը մի թշվառ խելագար էր։ Պատուհանիս առջև նստած նա շարունակ նայում էր հանգստարանին։ Արդյոք ի՞նչ էր մտածում։ Մի՞թե նրա թափառիկ մտքերն էլ հուզված են այն ցնորքներով, որոնք մի ժամանակ ինձ հիացնում էին, երբ ես արշալույսին նույն պատուհանի առջև կիսամերկ նստած՝ սիրում էի արեգնափայլ մարգագետնի վրա հանգիստ արածող գառներին նայել։

Մեր առաջվա հարևանները՝ մր․ Գրայպըրը և իր կինը, Հարավային Ամերիկա էին գնացել, և անձրևը նրանց ամայի տան կտուրից ներս կաթելով, ամբողջ հատակն ու որմերը փչացրել էր։ Մր․ Չիլիպն ամուսնացել էր երկրորդ անգամ․ նրա հիմիկվա կինը մի երկայնաքիթ, բարձրահասակ, չոր տիկին էր։ Նրանց վտիտ ու նիհար որդին հազիվ էր իր ահագին գլուխը վզի վրա բռնում և անզոր աչքերով կարծես հարցնում էր, թե ինչո՞ւ է աշխարհ եկել։

Այսպես տրտմախառն զվարճությամբ ման էի գալիս ծննդավայրիս շրջակայքում, մինչև որ ձմռան արևի մայր մտնելը հիշեցներ ինձ, թե արդեն քաղաք վերադառնալու ժամանակն է։ Եվ այնտեղ, պանդոկի կրակի դիմաց, Ստիրֆորթի հետ ընթրելիս, զվարճանում էի իմ ցերեկվա զբոսանքները հիշելով։ Նույն զգացումը, թեև ավելի նվազ չափով, տիրում էր սրտիս, երբ գիշերվա ժամին մտնում էի իմ սենյակը, ուր «Կոկորդիլոսներ» երևելի գիրքը միշտ դրված էր սեղանի վրա։ Այս գիրքը թերթոտելիս՝ ես աստծուն փառք էի տալիս, որ նա ինձ Ստիրֆորթի նման ընկեր է պարգևել, Պեգգոտիի նման մի ընկերուհի և տատիս նման մի պատվական ու վեհանձն խնամակալ, որ փոխարինում էր լուսահոգի ծնողներիս։

Զբոսանքներից դեպի Յարմաութ ետ գալիս, ճանապարհս կարճելու համար, նստում էի մի լաստանավ, որ ինձ քաղաքի ու ծովափի միջև տարածվող տափարակն էր հասցնում և ազատում էր մեծ ճանապարհով երկար շրջան անելուց։ Մր․ Պեգգոտիի տնակն այդտեղից հեռու չէր, վերադարձիս միշտ մտնում էի նրա մոտ։ Ստիրֆորթը սովորաբար սպասում էր ինձ նրա հարկի տակ, և այնտեղից, արդեն միասին, երեկոյան մթնշաղին մոտենում էինք քաղաքին, որի լապտերները հեռվից մեզ շող էին տալիս։

Երկու շաբաթն արդեն անցել էր։ Ես գնացի վերջին անգամ մնաս բարով ասելու իմ տենչալի վայրերին և երեկոյան ետ գալիս մր․ Պեգգոտիի տնակը մտա։ Այնտեղ Ստիրֆորթը կրակի առջև մենակ նստած էր և այնպես խորասուզված մտքերի մեջ, որ տնակին մոտենալս չլսեց։ Կարող էր իրավ չլսել, որովհետև ավազոտ տափարակի վրա քայլերս ձայն չէին հանում։ Սակայն ներս մտնելս էլ նրա մտքի թելը չընդհատեց։ Ես մոտեցա և երեսին մտիկ տվեցի․ նա դարձյալ հոնքերը կիտած խոկում էր։

Ձեռքս երբ նրա ուսին դրեցի, նա այնպես ցնցվեց, որ ես էլ սարսուռ զգացի։

― Որտեղի՞ց ուրվականի պես վրաս եկար, ― ասաց նա գրեթե հանդիմանական եղանակով։

― Ստիպված էի մի կերպ զարթեցնել քեզ, սիրելիս, ― պատասխանեցի ես։ ― Գահավեժ ընկար աստղերից, հա՞։

― Ո՛չ, ― ասաց նա։ ― Ո՛չ։

― Ուրեմն որտեղի՞ց, ― հարցրի ես, նրա մոտ նստելով։

― Կրակի սիրուն ձևերին էի նայում, ― ասաց Ստիրֆորթը։

Բայց ինչո՞ւ ես այդ ձևերը քանդում, ― նկատեցի ես, երբ նա մի խանձող սաստիկ շարժեց, և բոցերի հազարավոր կայծեր ճարճատելով վերև թռան։

― Դու ոչինչ չէիր տեսնի, ― ասաց նա։ ― Ատում եմ այս ժամանակը, որը ո՛չ ցերեկ է, ո՛չ գիշեր։ Ինչո՞ւ ուշացար։ Որտե՞ղ էիր։

― Գնացել էի հրաժեշտ առնելու Բլենդրոտընից։

― Իսկ ես նստած մտածում էի, ― ասաց Ստիրֆորթը, շուրջը նայելով, ― թե այս դատարկ տան բնակիչները, որոնք մեր գալու րոպեին այնքան երջանիկ էին, այժմ որտե՞ղ են ցրվել կամ կորել, և կամ ի՞նչ փորձանքի են հանդիպել։ Դավիթ, որքան ցավում եմ, որ այս վերջին քսան տարին ես մի խելացի հայր չեմ ունեցել։

― Ի՞նչ է պատահել քեզ, սիրելի Ստիրֆորթ։

― Ոհ, ինչպես սրտանց ափսոսում եմ, ինչպես սիրտս կտրտվում է, որ ինձ վատ են դաստիարակել, ― գոչեց նա։ ― Ախ, երանի թե կարենայի ավելի լավ կառավարել ինքս ինձ։

Նրա վշտագին վհատությունը միանգամայն շփոթեց ինձ։ Չէի սպասում այդպես տեսնել Ստիրֆորթին։ Նա վեր կացավ ու վառարանին հենվելով, դառնությամբ նայեց կրակին։

― Ավելի լավ կհամարեի, ― շարունակեց նա, ― մի համարձակ ձկնորս, խեղճ Պեգգոտիին հավասար մի բան և կամ նրա անտաշ Հեմի նման մի տղա լինել, քան ինչ որ եմ այս րոպեիս՝ իմ ավելի մեծ ուսումով ու պերճանքով, քան տանջվել, ինչպես որ ահա կես ժամից ի վեր տանջվում եմ այս դժոխային նավի մեջ։

Ես սարսափած մնացի, երբ որ նրա դեմքի փոփոխությունը նկատեցի, մինչ նա անքթիթ նայում էր կրակին։ Հետո անձկությամբ աղաչեցի նրան հայտնել ինձ, թե ինչ է պատահել, որ նա այդպես այլայլված է։ Մտադիր էի գեթ կարեկցությամբ, եթե ոչ խորհրդով, սփոփել ընկերոջս։ Բայց դեռ խոսքս չէի ավարտել, երբ Ստիրֆորթը նախ զայրացած, հետո՝ սրտանց ծիծաղեց։

― Բան չկա, Դեյզի, բան չկա, ― ասաց նա։ ― Կարծեմ մի անգամ Լոնդոնում քեզ ասել եմ, թե երբեմն ես ինքս ինձ համար մի բեռ եմ դառնում․․․ Վրաս մի տեսակ ահ էր եկել։ Ձանձրույթի րոպեներին երբեմն դայակիս հեքիաթներն են մտքիս գալիս, որոնք հանկարծ ճիվաղի պես պաշարում են ինձ։ Դայակս ասում էր, թե չար տղային առյուծը կուտե։ Լավ է առյուծը, քան թե շունը։ Ահա այս ահռելի հիշատակներից քստմնելով, ես ակամա զարհուրում եմ։

― Ուրեմն վախիդ պատճառը դատարկ բան էր, ― ասացի ես։

― Շատ կարելի է, բայց գուցե և դատարկ բան չէր, ― պատասխանեց Ստիրֆորթը։ ― Համենայն դեպս, անցավ գնաց, մյուս անգամ, Դեյզի, դու ինձ այսպես չես տեսնի։ Սակայն կրկնում եմ, սիրելիս, որ ինձ համար, գուցե և ուրիշների համար, լավ կլիներ, եթե մի հաստատակամ ու խելացի հայր ունենայի։

Նրա ազդու դեմքը ոչ մի ժամանակ մի այնպիսի մռայլ վիշտ չէր արտահայտել, ինչպես որ այն վայրկյանին, երբ նա ասաց․

― Է՛լ չխոսենք այն բանի մասին, ― և կարծես մի շյուղ, մի հարդ և կամ մի փետուր շպրտելով օդի մեջ՝ ավելացրեց․ ― «Why so, ― being gone։ J ame a man again», ինչպես ասում է Մակբեթը։[24] Գնանք այժմ ճաշ ուտենք, որպեսզի ես էլ, Դեյզի, Մակբեթի նման մի զարմանալի անկարգությամբ հացկերույթը չխանգարեմ։

― Սակայն որտե՞ղ են այս տան մարդիկ, ― ասացի ես։

― Աստված գիտե, ― պատասխանեց Ստիրֆորթը։ ― Լաստի մոտ քեզ սպասելուց հետո՝ այստեղ եկա, բայց տունը դատարկ էր։ Այս բանի մասին էի մտածում, երբ դու եկար։

Այդ միջոցին մրս․ Գըմիջը, զամբյուզը ձեռքին, ներս մտավ և պարզվեց, թե ինչու տանը մարդ չկա։ Նա գնացել էր ուտելու բան գնելու, մինչև մր․ Պեգգոտին ծովից վերադառնա, և դուռը բաց է թողել, որպեսզի Էմլին ու Հեմը երեկոյան ետ գալիս դուրսը չմնան։ Ստիրֆորթը կատակներով ու ծաղրական համբյուրներով մրս․ Գըմիջի տրտմությունը մեղմացրեց, հետո ձեռքը տվեց ինձ․ և միասին դուրս ելանք։

Մրս․ Գըմիջի թախծությունը փարատելիս՝ Ստիրֆորթը ինքն էլ իր սովորական զվարթությունը ստացավ և ամբողջ ճանապարհին ծիծաղում էր ու հանաքներ անում։

― Ուրեմն հեռանում ենք այս ծովահենների որջից, ― ասաց նա ուրախ ձայնով։

― Ինչպես որոշել էինք, այնպես էլ կանենք, ― պատասխանեցի ես։ ― Չէ՞ որ դիլիժանսի տոմսակներն արդեն առնված են մեզ համար։

― Եթե այդպես է, պետք է մեկնել, ― ասաց Ստիրֆորթը։ ― Այստեղ մնալով՝ ես բոլորովին մոռացել էի, որ բացի նավակով ծովի վրա ճոճվելուց, ուրիշ անելու բաներ էլ կան աշխարհում։ Բայց երանի թե չլինեին։

― Կարծեմ ամեն բան հրապուրում է քեզ, քանի դեռ նոր է, ― նկատեցի ես ծիծաղելով։

― Շատ կարելի է, թեև մի այդպիսի հեգնական նկատողություն չէի սպասում իմ անմեղ բարեկամից։ Այո՛, Դեյզի, ես մի քմահաճ տղա եմ։ Ինքս էլ գիտեմ, որ այդպես եմ, բայց այս էլ կասեմ, որ քաջ գիտեմ երկաթը կոփել, քանի որ տաք է։ Հավաստի եմ, որ այստեղ մնալս զուր չեղավ։ Թող քննեն ինձ, և կտեսնես, որ կարող եմ հմուտ նավավարի պաշտոն կատարել Յարմաութի ջրերում։

― Արդեն մր․ Պեգգոտին վկայում է, որ դու հրաշք ես։

― Ծովային հրաշք, չէ՞, ― ծիծաղեց Ստիրֆորթը։

― Նա իրոք ասաց, որ դու հրաշք ես, և այդ սուտ չէ, քանի որ այնպես եռանդով ես նվիրվում սիրած բանիդ և հեշտությամբ գլուխ բերում։ Սակայն, Ստիրֆորթ, ես միշտ զարմացել եմ, որ դու ընդունակ ես հաճույք զգալ փայլուն կրքերդ այդպես անզուսպ վատնելուց։

― Հաճո՞ւյք, ― պատասխանեց նա խնդալով։ ― Ես ոչ մի բանից հաճույք չեմ զգում և գոհ չեմ, բացի քո պարզամտությունից, սիրելի Դեյզիս։ Գալով կրքերիս գործադրության, ես երբեք չեմ սովորել այն անվին կապել ինձ, որի վրա անդադար պտույտ են գալիս մեր ժամանակի Իքսիոնները։[25] Սակայն գիտե՞ս, որ ես այստեղ մի նավ եմ գնել։

― Ինչ տարօրինակ տղա ես դու, Ստիրֆորթ, ― գոչեցի ես՝ կահգ առնելով, որովհետև նոր էի լսում այդ բանը։ ― Նավ գնել, մինչդեռ գուցե մյուս անգամ ոտք էլ չդնես այս անկյունը։

― Ո՞վ գիտի, գուցե և դնեմ։ Այս անկյունն ինձ դուր է գալիս։ Համենայն դեպս, ― ասաց Ստիրֆորթը, շարունակելով իր խոսքը, ― ես գնեցի մի սրընթաց նավ, մի կլիպպըր, ինչպես որ ասում է մր․ Պեգգոտին։ Իմ բացակայության ժամանակ նա կվարի այդ նավը։

― Այժմ միտքդ հասկանում եմ, Ստիրֆորթ, ― գոչեցի ես ցնծությամբ։ ― Իբր թե քեզ համար էս նավդ գնել, բայց իրոք մտադիր էր մի վայելուչ ընծա անել մր․ Պեգգոտիին։ Ճանաչելով քեզ, այդ ես սկզբից պիտի գուշակեի։ Հարկ կա՞ արդյոք, սիրելի Ստիրֆորթ, քեզ ասելու, թե որքան եմ գնահատում այդ գեղեցիկ վեհանձնությունդ։

― Սուս, ― ասաց նա կարմրելով։ ― Քանի այդ մասին քիչ խոսես, այնքան լավ։

― Մի՞թե չէի ասում, ― գոչեցի ես, ― չէ՞ի ասում, որ քո սիրտը միշտ այդ ազնիվ էակների ուրախությանն ուրախակից է և վշտերին՝ վշտակից։

― Այո՛, այո՛, այդ բոլորն ասել ես, և բավական է։ Էլ չխոսենք այդ մասին։

Ես լռեցի։ Չէի ուզում վշտացնել նրան մի նյութի մասին խոսելով, որին նա ամենևին կարևորություն չէր տալիս, և մենք շարունակեցինք մեր խոսակցությունը։

― Պետք կլինի նորից սարքել այն նավը, ― ասաց Ստիրֆորթը, ― Լիտտիմերին կհանձնարարեմ, որ այս գործը նա լիովին գլուխ բերի։ Ի դեպ, չե՞մ ասել քեզ, որ Լիտտիմերն այստեղ է։

― Ո՛չ։

― Այո, եկել է, և նամակ բերել իմ մորից։

Մեր աչքերն իրար հանդիպեցին։ Ստիրֆորթի ամբողջ դեմքը և նույնիսկ շուրթերը գունատվել էին, բայց նա անվրդով նայում էր ինձ։ Ես կարծեցի, թե մի անախորժ բան պատահած կլինի նրա և մոր միջև, և թե այդ էր պատճառը, որ նա այնքան տխուր էր ձկնորսի սենյակում, և մի թեթև ակնարկ արի այդ մասին։

― Օհ, ո՛չ, ― ասաց նա, գլուխը շարժելով ու փոքր֊ինչ ժպտալով։ ― Բնավ այդպիսի բան չկա։ Այս մարդը եկել է, իբրև իմ սպասավորը։

― Եվ դարձյալ նույնն է, ինչ֊որ առաջ էր։

― Միշտ նույնն է, և միշտ հյուսիսային բևեռի պես հաստատ ու սառը։ Նա գնած նավիս նորոգությամբ պիտի զբաղվի։ Նավի անունը «Մրրիկ ճայ» է, բայց ի՞նչ գործ ունի ճայերի հետ մր․ Պեգգոտին։ Ես մի ուրիշ անուն կտամ այդ նավին։

― Եվ ի՞նչ անուն։

― Փոքրիկ Էմլի։

Ստիրֆորթը դարձյալ անքթիթ երեսիս նայեց, կարծես թե հիշեցնելով, որ այդ գեղեցիկ դիտավորության համար իրեն չգովեմ։ Ես կարճ կտրեցի, բայց դեմքիս ժպիտը ցույց տվեց, թե ի՞նչ եմ զգում։ Նա էլ ժպտաց ու զվարթացավ։

― Սակայն տես, ― ասաց նա, առաջ նայելով, ― ահա ինքը՝ փոքրիկ Էմլին գալիս է, հետն էլ այն տղան։ Այ դրան կասեմ բուն ասպետ։ Ոչ մի րոպե իր օրիորդից չի բաժանվում։

Այժմ Հեմը նավ շինող էր և, այս արհեստը սիրելով, մի ճարտար բանվորի համբավ էր ստացել։ Նա բավական կոպիտ էր երևում իր առօրյա հագուստով, բայց այրական դեմքը ցույց էր տալիս, որ գիտի իր նորատի ուղեկցին պաշտպանել։ Այդ ազնիվ ու համարձակ դեմքի վրա պարզ գծված էր, որ նա աղջկան սիրում է ու նրանով պարծենում։ Նրանց միասին տեսնելով ես մտածեցի, թե Էմլին ու Հեմը իրար համար են ստեղծված։

Երբ մենք կանգ առանք նրանց հետ խոսելու, Էմլին իր թևը նշանածի թևից կամաց արձակեց և կարմրելով՝ Ստիրֆորթին և ինձ մեկնեց իր ձեռքը։ Երբ նրանք մեզ հետ մի քանի խոսք փոխանակելուց հետո, առաջ գնացին, Էմլին այլևս Հեմի հետ թևանցուկ չարեց, այլ, ասես թե ամաչած ու շփոթված, մենակ հեռացավ։ Այս բոլորն ինձ շատ սիրուն ու գրավիչ թվաց, ինչպես կարծեմ և Ստիրֆորթին, մինչ մենք նայում էինք նորածին լուսնի շողքերում անհետացող զույգի հետևից։

Հանկարծ մեր մոտով շտապ անցավ մի ջահել կին, որի մոտենալը չէինք նկատել։ Անշուշտ նա հետևում էր այդ երկուսին․ նրա նիհար երեսը՝ փոքր֊ինչ ծանոթ թվաց ինձ։ Կինը թեթև էր հագնված, համարձակ, վայրեի հայացք ուներ, թշվառ ու հպարտ տեսք։ Նա կարծես ինքն իրեն մոռանալով՝ շտապում էր հեռացողների հետևից հասնել։ Մի քանի վայրկյանից թե՛ մեր երկու բարեկամները և թե՛ այդ կինը անհետացավ տափարակի ու ծովի վրա տարածվող մթության մեջ։

― Այդ խավարադեմ ուրվականը կարծես թե հետապնդում է Էմլիին, ― ասաց Ստիրֆորթը, որ դեռ անշարժ կանգնած էր։ ― Այդ ի՞նչ է նշանակում։

Ստիրֆորթի դողդոջ ձայնի շեշտերը տարօրինակ էին։

― Երևի ուզում էր մի բան մուրալ նրանցից, ― ասացի ես։

― Մուրացիկներ շատ կան այստեղ, ― ասաց Ստիրֆորթը, ― բայց գիշերով մուրացող կինը զարմացնում է ինձ։

― Ինչո՞ւ, ― հարցրի ես։

― Որովհետև․․․ ― փոքր֊ինչ լռելուց հետո՝ պատասխանեց Ստիրֆորթը, ― ճիշտ մի այդպիսի բանի մասին էի մտածում, երբ որ նա երևաց։ Որտեղի՞ց բերեց նրան սատանան։

― Կարծեմ այս շենքի ստվերից դուրս ելավ, ― ասացի ես, երբ մոտեցանք այն պատին, որի մոտով անցնում էինք։

― Գնաց֊կորավ վերջապես, ― գոչեվ Ստիրֆորթը ետ նայելով։ ― Թող չարն էլ հետը խափանվի։ Այժմ շտապենք ճաշելու։

Սակայն նա դարձյալ մի քանի անգամ շուռ եկավ, նայելով ծովի սպիտակ շերտին, որը նշմարվում էր հեռվում։ Ամբողջ ճանապարհին նա կցկտուր խոսքերով զարմանք էր հայտնում անսպասելի հանդիպումի առթիվ, և դժգոհ էր․ միայն այն ժամանակ հանգստացավ, երբ արդեն նստած էինք սեղանի առջև՝ վառարանի ու մոմերի լույսով լուսավորված հյուրանոցի տաք սենյակում։

Լիտտիմերը մեզ սպասում էր․ նա դարձյալ իր սովորական տպավորությունը թողեց վրաս։ Երբ որ հարցրի, թե արդյոք մրս․ Ստիրֆորթն ու միս Դարտլը առո՞ղջ են, նա ակնածու (հարկավ և հարգալի) եղանակով շնորհակալություն հայտնեց ու ասաց, թե առողջ են և երկուսն էլ ինձ ողջունում են։ Այս էր բոլորը, ինչ որ լսեցի, բայց և այնպես ակնհայտ երևում էր, որ սպասավորն ուզում է ասել․ «Դուք դեռ շատ ջահել եք, սըր, շատ ջահել»։

Ճաշը գրեթե վերջացել էր, երբ Լիտտիմերը, որ անկյունում կանգնած էր, մեզ երկուսիս և կամ միայն ինձ դիտելով, մի քանի քայլ առաջ եկավ ու ասաց իր տիրոջը․

― Ներեցեք, սըր։ Միս Մաուչրն այստեղ է։

― Ո՞վ, ― զարմանալով հարցրեց Ստիրֆորթը։

― Միս Մաուչրը, սըր։

― Ի՞նչ, ― գոչեց Ստիրֆորթը։ ― Նրա ոտքը կոտրվի։ Ի՞նչ բան ունի նա այստեղ։

― Նա կարծեմ այս գավառից է, սըր։ Ասում է, թե ամեն տարի Յարմաութ է գալիս՝ իր արհեստը գործ դնելու։ Հանդիպեցի նրան փողոցում, և նա խնդրեց իմանալ, թե արդյոք կհաճի՞ք, սըր, ընդունել նրան այս երեկո։

― Ճանաչո՞ւմ ես, Դեյզի, այդ հսկային, ― հարցրեց Ստիրֆորթը։

Ստիպված էի պատասխանել, ամաչելով Լիտտիմերից, որ միս Մաուչրն ու ես բոլորովին անծանոթ ենք։

― Փույթ չէ, իսկույն կծանոթանաս, ― ասաց Ստիրֆորթը։ ― Այդ կինը աշխարհիս յոթ հրաշալիքներից մեկն է։ Ընդունել միս Մաուչրին՝ հենց որ գա։

Հետաքրքրությունս շատ շարժված էր, բայց Ստիրֆորթը՝ հարցումներիս պատասխան տալու փոխարեն, միայն ծիծաղում էր։ Այսպես անցավ մի կես ժամ․ սեղանի սփռոցը հավաքեցին։ Մենք կրակի առջև նստած էինք, գինու շիշը դիմացներս դրած, երբ դուռը բացվեց և Լիտտիմերն իր անվրդով հանգստությամբ հայտնեց․

― Միս Մաուչըը։

Նայեցի դռան կողմը․ բան չտեսա։ Եվ մինչ շարունակ նայում էի, մտածելով, թե ինչո՞ւ է ուշանում միս Մաուչրը, հանկարծ բազմոցի հետևից, որ դրված էր իմ ու դռան միջև, ի մեծ զարմանս իմ՝ մոտ քառասուն կամ քառասունհինգ տարեկան մի գաճաճ դուրս եկավ՝ ահագին գլխով ու դեմքով, խորամանկ գորշ աչքերով և այնպես կարճ ձեռքերով, որ երբ նա՝ Ստիրֆորթին նշմարելուն պես չար֊չար ժպտաց և ուզեց իր ցուցամատը քթին դնել, ստիպված էր գլուխը կախել և քիթը ցուցամատին դնել։ Նրա ծալ֊ծալ կզակը այնքան գեր էր, որ գլխարկի ժապավեններն ու կապերը ծալքերի մեջ բոլորովին կորչում էին։ Միս Մաուչրը, վիզ չուներ, մեջք չուներ, սրունք չուներ, ոտքեր էլ չուներ․․․ Կամ ճիշտն ասած՝ այդ բոլոր անդամներն այնքան փոքր էին, որ հիշելու անգամ արժանի չէին։ Հասարակ աթոռը նրա համար սեղանի չափ բարձր էր, և նա պիտի թաթիկները բարձրացներ, որ կարողանար աթոռի վրա դնել իր պայուսակը։ Այդ բավական անփույթ հագնված տիկինը, վերոհիշյալ դժվարությամբ մի քանի անգամ մատն ու քիթը իրար կպցնելուց հետո, գլուխը թեթև մի կողմ թեքեց, մի աչքը չար֊չար փակեց, մյուսով Ստիրֆորթին երկար դիտեց և հետո խոսել սկսեց, բառերը հեղեղի պես դուրս տալով։

― Ահ, իմ սիրուն վարդիկս, ― սկսեց նա, ահագին գլուխը շարժելով։ ― Դու այստե՞ղ ես, իրա՞վ այստեղ։ Ամոթ չէ՞ քեզ, չար մանուկ, որ տանից այսպես հեռացել ես։ Ի՞նչ գործ ունես այս կողմերում։ Գրավ կբռնեմ, որ միտքդ ծուռ է։ Օ՜, դու չարաճճի տղա ես, Ստիրֆորթ, բայց ես էլ հիմարներից չեմ, չէ՞։ Հա՜, հա՜, հա՜։ Դու անշուշտ պատրաստ կլինեիր հինգ ոսկու դեմ հարյուր ոսկու գրավ բռնել, որ ինձ այստեղ չես տեսնի, չէ՞։ Բայց տեսա՞ր, ես մեկ այստեղ եմ, մեկ՝ այնտեղ, աճապարարի ոսկու նման, որ հանկարծ ազնիվ կնոջ թաշկինակից է դուրս գալիս։ Թաշկինակ և տիկիններ․․․ Ի դեպ, հոգիս, ո՞վ գիտե, որքան տիկին Ստիրֆորթը՝ քո մայրիկը, երջանիկ է, որ քեզ նման որդի ունի։

Միս Մաուչրն այս վերջին խոսքերն ասելիս իր գլխարկի կապերը բաց արեց ու հևալով նստեց ցածլիկ աթոռակի վրա, կրակի առջև, ճաշի սեղանի ոտքերի մոտ, ինչպես մի հովանոցի տակ։

― Ո՜ֆ, ― շարունակեց նա, թաթիկները ծնկներին դեմ տալով և իմ վրա սուր֊սուր նայելով, ― ինչ վնաս բան է, որ այսպես գեր եմ, Ստիրֆորթ։ Սանդուղք բարձրանալիս շունչս այնպես է կտրվում, որ ասես թե հորից մի քսան դույլ ջուր քաշած լինեմ։ Ո՞վ գիտի՝ ինչ սիրուն տիկին կերևայի քեզ, Ստիրֆորթ, եթե մայթի վրա տեսնեիր ինձ վերջին հարկի պատուհանից։

― Միշտ և ամեն տեղ դու ինձ սիրուն ես երևացել, ― ասաց Ստիրֆորթը։

― Սո՛ւս, սո՛ւս, անամոթ, ― գոչեց գաճաճն ու սպառնաց Ստիրֆորթին թաշկինակով, որով սրբել էր իր երեսը։ ― Բավական է, զգաստացիր․․․ Բայց, գիտե՞ս ում մոտ էի ես անցյալ շաբաթ։ Պատիվս վկա, լեդի Միթերսի մոտ։ Ա՛հ, ի՜նչ տիկին է այդ լեդի Միթերսը։ Ինչպես լավ է պահպանվել։ Լորդ Միթերսը ինքն անձամբ ողջունեց ինձ այն սենյակում, ուր սպասում էի իր ամուսնուն։ Ա՛յ քեզ մարդ։ Միշտ առույգ ու զվարթ։ Կեղծամն էլ տասը տարի է, որ հագնում է ու չի մաշում։ Կողքիս նստեց և սկսեց այնպես սիլի֊բիլի անել, որ քիչ էր մնում ծառաներին կանչեի։ Շատ անպիտանն է այդ լորդը, հա՜, հա՜, հա՜։ Ափսոս միայն, որ սկզբունք չունի։

― Ի՞նչ էիր անում լեդի Միթերսի մոտ, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Ի՜նչ հետաքրքիր տղա ես, հոգիս, ― ասաց միս Մաուչրը, մատը քթին դնելով ու դևուկի նման խորամանկ աչքերը քթթելով։ ― Ես ուրիշի տան գաղտնիքն ու զիբիլը դուրս տանողը չեմ։ Կուզենայիր, իհարկե, իմանալ, թե լեդի Միթերսի մազերին ի՞նչ էի քսում, որ չթափվեն, կամ թե ինչո՞վ եմ ներկում նրա հոնքերն ու թշերը, չէ՞։ Այո, սիրելիս, կիմանաս, երբ որ ասեմ։ Բայց գիտես պապիս անունն ի՞նչ էր։

― Ոչ, ― ասաց Ստիրֆորթը։

― Ուոկր[26] էր, գառնուկ իմ։ Նա ծագում էր Ուոկրների երկար սերնդից, և ես նրանից ժառանգեցի Հուկեյի[27] ամբողջ կալվածքը։

Ես չգիտեի, թե ինչի՞ց ավելի շատ զարմանամ ― միս Մաուչրի նայվածքներից, թե՞ նրա տարօրինակ վստահությունից։ Այդ կինն ամեն ինչով զարմացնում էր ինձ և՛ նրանով, թե ինչպես է ականջ դնում իրեն ասված խոսքերին, և՛ նրանով, թե ինչպես էր իրեն տրվելիք պատասխանին սպասում, և՛ նրանով, թե ինչպես էր լուռ մնալիս կաչաղակի նման գլուխը թեքում ու մի աչքով դեպի վեր նայում։ Կարճ ասած՝ ես շվարած էի և հակառակ քաղաքավարության ամեն մի կանոնի՝ ակնապիշ նայում էի նրա դեմքին։

Նա աթոռը մոտ քաշեց և սկսեց զանազան իրեր հանել պայուսակից, ամեն անգամ իր կարճ բազուկը մինչև ուսը մեջը մխելով, հանեց անթիվ մանր սրվակներ, սպունգեր, սանրներ, խոզանակներ, վրձիններ, բրդի կտորներ, մազեր խոպոպելու գանգրոցներ և ուրիշ գործիքներ, և շարեց աթոռի վրա։ Այս գործն ավարտելուց հետո հանկարծ Ստիրֆորթին դիմեց և ինձ սաստիկ շփոթելով, հարցրեց․

― Ինչպե՞ս է բարեկամիդ անունը։

― Մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Նա ուզում է ծանոթանալ քեզ հետ։

― Շատ լավ, թող ծանոթանա, վաղուց եմ տեսնում, որ ուզում է, ― ասաց միս Մաուչրը, պայուսակը ձեռքին դեպի ինձ գալով։ ― Թշերը մի֊մի դեղձի՜կ են։ (Գաճաճը իր ոտքերի ծայրրի վրա կանգնեց, որ կարողանա այտիս հասնել)։ Մարդ ակամա կհրապուրվի։ Ես դեղձիկ շատ եմ սիրում։ Ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ, մր․ Կոպպերֆիլդ, հավատացեք։

Պատասխաբեցի, թե ես էլ ուրախ եմ իր ծանոթությանը արժանանալու համար։

― Օ՜հ, աստված իմ, որքան քաղաքավարի ենք, ― գոչեց միս Մաուչրը, զուր փորձելով իր լայն երեսը ձեռքերով ծածկել։ ― Առաջին անգամն է, որ միմյանց տեսնում ենք և արդեն սիրաբանում ենք իրար հետ։ Ասել է թե այս սուտ աշխարհը լավ ենք ճանաչում։

Վերջին բառերը մտերմաբար ուղղված էին մեզ երկուսիս, մինչդեռ նրա թաթիկը դեմքից իջնելով, դարձյալ մինչև ուսը պայուսակի մեջ անհետացավ։

― Ի՞նչ եք ուզում հասկացնել մեզ, միս Մաուչր, ― ասաց Ստիրֆորթը։

― Ոչինչ, սիրելիս։ Ասելս այն է, որ բոլորս էլ լավ օյինբազներ ենք, ամեն մեկս իր հանգի, հա՜, հա՜, հա՜, ― ծիծաղեց փոքրիկ կինը, շարունակելով պայուսակում բան որոնել, գլուխը թեքած և մի աչքը վեր բարձրացրած։ ― Հապա տեսեք, սրանք ինչ են։

― Ի՞նչ են դրանք, ― ասաց Ստիրֆորթը։

― Մի ռուս բոյարի եղունգների կտորները։ Նրա անունը «գլխիվայր այբուբեն» է, որովհետև միջի բոլոր տառերը տակն ու վրա են խառնված։

― Այդ բոյարը ձեր հաճախորդներից մե՞կն է, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Հարկավ, սիրելիս, ― պատասխանեց միս Մաուչրը։ ― Շաբաթը երկու անգամ նրա եղունգները կտրում եմ՝ հա՛մ ձեռքի, հա՛մ ոտքի։

― Եվ լա՞վ է վճարում, ― ասաց Ստիֆորթը։

― Քթով է խոսում, բայց ձեռքն առատ է, ― ասաց միս Մաուչրը։ ― Ձեզ նման երեխա չէ․ դրա ապացույցը իր ահագին բեղերն են, որոնք կարմիր են ի բնե և սևագույն՝ իմ շնորհիվ։

― Այսինքն՝ քո արվեստի՞ շնորհիվ, ― հարցրեց Ստիրֆորթը։

Միս Մաուչրը նրա ասածն աչքով հաստատեց ու ասաց․

― Բոյարը ստիպված էր իմ հետևից մարդ ուղարկել և չէր կարող այդպես չանել։ Մեր կլիման վատ էր ազդել նրա բեղերի վրա, և այստեղ նրանք երկաթի պես ժանգոտել են։

― Գուցե նրա՞ն էր, որ օյինբազ անվանեցիր այս րոպեիս, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Ի՜նչ խելոք տղա ես դու, ― գոչեց միս Մաուչրը, գլուխն արագ շարժելով։ ― Ես ասացի, թե մենք բոլորս էլ առհասարակ խաբեբա ենք, և ասածս հաստատելու համար՝ ռուս իշխանի եղունգները ցույց տվի ձեզ։ Ճշմարիտն ասեմ, այս եղունգենրն իմ բոլոր ձիրքերից ավելի ազդու են․ նրանց շնորհիվ է, որ ես ամեն տեղ մուտք ունեմ։ Եթե միս Մաուչրը մի իշխանի եղունգներ է կտրում, ասել է թե վարպետ է։ Ես մի֊մի կտոր մեր նորատի լեդիներին եմ տալիս, և նրանք, կարծեմ, կտորները ալբոմների մեջ են դնում․․․ Հա՜, հա՜, հա՜։ Եվ միթե չգիտե՞ք, որ մեր ամբողջ հասարակության շինվածքը, ինչպես ասում են պառլամենտում, իշխանների եղունգի վրա է հաստատված, ― վերջացրեց գաճաճը թաթիկները կրծքին դնելով և ահագին գլուխը տատանելով։

Ստիրֆորթը ծիծաղեց․ ես էլ նույնպես։ Միս Մաուչրը շարունակում էր մի կողմ թեքած գլուխը շարժել, մի աչքը վեր բարձրացնելով, իսկ մյուսը՝ քթթելով։ Վերջապես իր ծնկներին խփեց ու ոտքի ելավ։

― Է՛հ, բավական է, ― ասաց նա։ ― Այժմ ե՛կ, Ստիրֆորթ, քո գլխի բևեռային կողմերը հետազոտեմ և ինչ֊որ պետք է, անենք֊պրծնենք։

Այս ասելով նա իր իրերից երկու֊երեք գործիք ջոկեց, մի հատ էլ սրվակ և հարցրեց՝ արդյոք սեղանն ամո՞ւր է։ Այն ժամանակ գաճաճը սեղանի մոտ մի աթոռ դրեց և իմ ձեռքից բռնելով, իսկույն աթոռի վրա ցատկեց, աթոռից էլ՝ սեղանի վրա։

― Եթե ձեզնից մեկը սրունքս տեսավ, ― ասաց նա, այդ բարձրունքի վրա կանգնելուցս հետո, ― թող իսկույն ասի․ ես տուն կգնամ և կկախվեմ։

― Ես չտեսա, ― ասաց Ստիրֆորթը։

― Ես էլ չտեսա, ― ասացի ես։

― Եթե այդպես է, ― գոչեց միս Մաուչրը, ― պատրաստ եմ ապրել։ Դե՛, ճուտիկ իմ, ծի՛պ, ծի՛պ, ծի՛պ։ Ե՛կ քեզ մորթեմ։

Այս հրավերը Ստիրֆորթին էր ուղղված, որը ծիծաղելով սեղանի մոտ նստեց, մեջքը գաճաճին, իսկ երեսը դեպի ինձ դարձած։ Հավատացած էի, որ նա հանաքի համար է իր գլուխը միս Մաուչրի հետազոտությանը ենթարկում։ Շատ զվարճալի տեսարան էր, երբ այդ թզուկը Ստիրֆորթի գլխին կանգնած, գրպանից մի մեծ խոշորացույց հանեց և սկսեց նրա թուխ մազերը զննել։

― Շատ սիրուն ես, ա՛յ տղա, ― ասաց միս Մաուչրը, Ստիրֆորթի թավ մազերը մի քանի վայրկյան դիտելուց հետո։ ― Բայց իմացած եղիր, որ եթե ես չլինեի, դու մի տարում չինական մանդարինի պես մի ճաղատ բան կդառնայիր։ Մի կես րոպե էլ սպասիր, հոգիս, և մազերիդ այնպիսի փայլ տամ, որ տասը տարի պսպղան։

Նա սրվակից ֆլանելի վրա մի ինչ֊որ հեղուկ ցանեց, մի փոքրիկ խոզանակ նրա մեջ թրջեց և սկսեց դրանով Ստիրֆորթի գագաթը արագ֊արագ շփել, մի վայրկյան դադարելով խոսելուց։

― Հա՛, ինչ էի ուզում հարցնել։ Ճանաչո՞ւմ ես Չարլի Պայգրևին, դքսի որդուն, ― ասաց միս Մաուչրը, Ստիրֆորթի գլխի հետևից նրա երեսին նայելով։

― Փոքր֊ինչ, ― պատասխանեց ընկերս։

― Ի՜նչ փառավոր մարդ է։ Ի՜նչ սքանչելի բեղեր ունի այդ Չարլին; Ափսո՜ս միայն, որ ոտքերն իրար հավասար չեն։ Եվ այդ դքսիկը կամենում էր առանց իմ օգնության առաջ գնալ թիկնապահների գնդում, կհավատա՞ս։

― Հիմա՜րը, ― ասաց Ստիրֆորթը։

― Իրավ որ հիմարի նման է, ― շարունակեց միս Մաուչրը։ ― Սակայն հիմար թե խելոք, բայց ուզում էր առանց իմ միջնորդության գործ տեսնել։ Եվ տե՛ս, թե ինչ է անում։ Լսի՛ր։ Գնում է մի պարֆյումեռռի մոտ և մի շիշ Մադագասկարի ջուր պահանջում։

― Չարլին, ― գոչեց Ստիրֆորթը։

― Այո՛, Չարլին։ Բայց խանութում Մադագասկարի ջուր չկար։

― Այդ ի՞նչ ջուր է։ Խմելու բա՞ն է, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Խմելո՞ւ, ― կրկնեց միս Մաուչերն ու կանգ առավ, ասես թե նրան մի թեթև ապտակ տվեցին։ ― Ի՞նչ խմել։ Այդ ջրով իր բեղերն էր ուզում թրջել։ Դու այդ բանը հո լավ գիտես։ Խանությում Կերբերի նման մի տարեց կին կար, որ երբեք չէր լսել, թե Մադագասկարի ջուր ասածդ ի՞նչ բան է։ «Ներեցեք, սըր, ― ասում է կինը Չարլիին, ― ձեզ, երևի, ոչ թե այդ ջուրն է հարկավոր, այլ․․․ սնգույր»։ «Սնգո՞ւյր, ― գոչում է Չարլին Կերբերին։ ― Ինչո՞ւ եք կարծում, թե ինձ սնգույր է հարկավոր»։ «Մի՛ նեղանաք, սըր, ― ասում է Կերբերը» ― Այդ նյութից մեզ մոտ այնքա՜ն են հարցնում, որ կարծեցի, թե ձեր խնդրածն էլ սնգույր կլինի։ Ահա՛, սիրելիս, ― շարունակեց միս Մաուչրը, առաջվա պես Ստիրֆորթի գլուխն արագ շփելով, ― ահա դարձյալ այն գեղեցիկ շառլատանության մի նմուշ, որի մասին խոսել էի։ Ես ինքս էլ եմ այդ բանին մասնակցում՝ երբեմն շատ, երբեմն՝ քիչ։ Սակայն խոսքը մեր մեջ մնա, իմացա՞ր։

― Ինչե՜ր ես ասում։ Մի՞թե դու էլ սնգույր ես ծախում, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Փոքր ի շատե, ամեն բան, իմ սիրելի աշակերտ, ― պատասխանեց միս Մաուչրը, մատիկը քթին դնելով։ ― Ամեն նյութ իրար հետ խառնիր, բայց այնպես որ մարդ չիմանա, և գործդ կհաջողվի․ այս ընդհանուր կանոն է։ Այս արվեստին ես էլ փոքր֊ինչ մասնակից եմ։ Այրի կոմսուհիներից մեկը մի քիչ շրթունքի օծանելիք է խնդրում ինձնից, մյուսը՝ մի զույգ ձեռնոց, երրորդը՝ մի կտոր շղարշ, չորրորդը՝ մի հովհար, մինչդեռ նրանց ուզածը ո՛չ շրթունքի օծանելիք է, ո՛չ ձեռնոց, ո՛չ շղարշ, ո՛չ էլ հովհար, այլ՝ սնգույր։ Ես էլ նրանց սնգույր եմ տալիս, բայց իրար այնպես ազնվաբար խառնելով, որ նրանք պատրաստ են հրապարակավ կարմիր ներկվել, քան թե ինձ խոստովանել, թե սնգույր են քսում դեմքերին։ Եվ երբ որ ես նրանց մոտ եմ գնում, նրանցից որևէ մեկը մատի հաստությամբ կարմիր շպարած երեսով հարցնում է ինձ․ «Ինչպես եք գտնում ինձ, միս Մաուչր, չէ՞ որ դեմքս այսօր գունատ է»։ Հա՜, հա՜, հա՜։ Շառլատանություն չէ, հապա ի՞նչ է այս բոլորը։ Ի՞նչ կասես, սիրելիս։

Կյանքումս չէի տեսել միս Մաուչրի նման մի էակ, երբ նա սեղանի վրա ուղիղ կանգնած՝ քրքջում էր իր կատակի վրա և փութաջան շարունակում Ստիրֆորթի մազերը շփել, աչքերը դեպի ինձ հառելով։

― Ա՜հ, ― ասաց նա։ ― Այսպիսի ապրանք այս կողմերում ամենևին չեն հարցնում։ Զարմանալի բան։ Եվ որքան այստեղ եմ, ոչ մի գեղեցիկ կին չեմ տեսել։

― Մի՞թե, ― ասաց Ստիրֆորթը։

― Գեղեցիկի ստվերն անգամ չեմ տեսել, ― հաստատեց միս Մաուչրը։

― Ոչ միայն ստվերը, այլ կարծեմ մարմինն էլ կարելի է սրան ցույց տալ, ― ասաց Ստիրֆորթը, նայելով վրա։ Չէ՞, Դեվի։

― Անտարկույս, ― վկայեցի ես։

― Հա՜, ― գոչեց գաճաճը, սուր֊սուր նայելով մեր երեսին։ ― Այդպես, հա՞։

Առաջին բացականչությունը կարծես մեզ երկուսիս էր ուղղված, իսկ երկրորդը՝ միայն Ստիրֆորթին։ Մեզնից պատասխան չստանալով, միս Մաուչրը շարունակեց շփել և գլուխը մի կողմ հակեց, իսկ աչքերը դեպի վեր ուղղեց, իբր թե օդում որոնելով իր սպասած բացատրությունը։

― Ձեր քույրը չլինի՞, մր․ Կոպպերֆիլդ, ― գոչեց գաճաճը, լռությունը խզելով և առաջվա պես առաստաղին նայելով։ ― Երևի ձեր քույրն է, չէ՞։

― Ո՛չ, ― ասաց ինձնից առաջ Ստիրֆորթը։ ― Բնավ ո՛չ։ Ընդհակառակը, մր․ Կոպպերֆիլդը, եթե չեմ սխալվում, ինքն էլ մի ժամանակ հափշտակված էր նրանով։

― Մի ժամանակ, իսկ այժմ ո՞չ, ― աղաղակեց միս Մաուչրը։ ― Երևի ընկերդ փոփոխամիտ է։ Ֆո՛ւյ, ամոթ իրեն․․․ Գուցե սիրում է մի ծաղկից դեպի մյուսը թռչել։ Մի օր մեկին է սիրում, իսկ այսօր ուրիշին։ Պոլլի չէ՞ այն սիրունի անունը։

Չարաճճի թզուկի անակնկալ հարցումից ու խորամանկ ակնարկից շփոթված, ես մի վայրկյան լուռ մնացի և ապա ասացի․

― Ո՛չ, միս Մաուչր։ Նրա անունն Էմլի է։

― Իրա՞վ, ― գոչեց նա առաջվա շեշտով։ ― Հը՜մ։ Այս ինչքա՞ն եմ խոսում։ Ես շատ լեզվանի եմ, չէ՞, մր․ Կոպպերֆիլդ։

Նրա հայացքի ու ձայնի մեջ մի անախորժ բան կար, որը իմ կարծիքով, շոշափված նյութի համար շատ անվայել էր։ Ուստի լուրջ եղանակով պատասխանեցի նրան․

― Այն աղջիկը որքան գեղեցիկ է, այնքան էլ առաքինի։ Նա նշանված է մի շատ արժանավոր ու պատվական մարդու հետ։ Ինչքան որ ես նրա զգաստությունն եմ հարգում, այնքան էլ գեղեցկության վրա եմ զարմանում։

― Լա՜վ ասաց, ― գոչեց Ստիրֆորթը։ ― Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Այժմ, Դեյզի, ես այս ֆաթիմեի հետաքրքրության վրա միանգամից սառը ջուր կածեմ, որպեսզի այլևս հարցնելու բան չունենա։ Այն աղջիկը, միս Մաուչր, այժմ Օմրի ու Ջորեմի մոտ է սովորում, որոնք նորույթի, արդուզարդի և ուրիշ բաների կրպակ ունեն այս քաղաքում։ Ինչպես որ ընկերս ասած՝ նա իրոք նշանված է իր հորեղբոր որդու հետ․ փեսայի անունը Հեմ է, ազգանունը Պեգգոտի․ արհեստով նավ շինող է, ծագմամբ՝ Յարմաութցի։ Աղջիկն իր ազգականի մոտ է ապրում․ նրա մկրտության անունը հայտնի չէ, իսկ մականունը Պեգգոտի է և արհեստը ձկնորսություն։ Այդ աղջկա չափ սիրունիկ ու հրապուրիչ արարած աշխարհիս երեսին չկա։ Ես էլ, ընկերոջս պես, նրան սաստիկ հավանում եմ։ Եթե չվախենայի աղջկա նշանածին անարգել, որ, հարկավ, ընկերոջս համար շատ անախորժ կթվար, պարզ կասեի, թե Էմլին, Հեմին գնալով, ինքն իրեն ստորացնում է։ Նա կարող էր մի ավելի լավ մարդ գտնել և պատիվս վկա՝ մի ազնվական տիկին դառնալ։

Այս ձևով արտահայտված որոշ խոսքերը միս Մաուչրն առաջվա պես գլխահակ և աչքն առաստաղին բևեռած էր ականջ դնում։ Հենց որ Ստիրֆորթն ավարտեց, գաճաճը հանկարծ աշխուժացավ ու սկսեց նորից զարմանալի արագությամբ բարբաջել․

― Էհ, ա՞յդ է բոլոր պատմությունը, միայն ա՞յդ, ― գոչեց նա, շարժելով իր փայլուն մկրատը, որ Ստիրֆորթի մորուքի ու գլխի շուրջն էր թռչկոտում։ ― Շատ լավ, շա՜տ լավ։ Գրեթե մի ամբողջ ռոման, որ կարող է այսպես վերջանալ՝ «միացան և երջանիկ կյանք վարեցին», չէ՞։ Հիշո՞ւմ ես, մի խաղ կա, ուր ասում են, օրինակի համար, ես սիրում եմ սիրեկանիս Է տառի համար, որովհետև նա երկնային է․ ատում եմ նրան Է տառի համար, որովհետև երդվել է ուրիշի չգնալ․ մի երեկո ես նրան առևանգեցի և Արևելք փախցրի։ Հապա իմացեք, ո՞վ է նա։ Էմլին է։ Հա՜, հա՜, հա՜։ Ես սաստիկ լեզվագար եմ, մի իսկական քամու աղաց, չէ՞, մր․ Կոպպերֆիլդ։

Նա իր նենգավոր հայացքը իմ կողմը նետեց և չսպասելով պատասխանիս՝ առանց շունչ քաշելու շարունակեց․

―Եթե եղել է աշխարհիս երեսին մի լավ սանրված ու լավ կոկված խորամանկ մարդ, այդ դու ես, Ստիրֆորթ։ Եվ եթե կա աշխարհումս մի գլուխ, որ ես լավ եմ ճանաչում, այդ քոնն է։ Լսում ես ինձ, սիրելիս։ Ես քեզ լավ եմ հասկաում, ― ասաց միս Մաուչրը, նայելով Ստիրֆորթի երեսին։ ― Այժմ, սըր, դուք կարող եք հեռանալ, ինչպես ասում են դատարանում, և եթե մր․ Կոպպերֆիլդը բարեհաճի ձեր տեղը բռնել, նրա գլուխն էլ կարգի կբերեմ։

― Ի՞նչ կասես, Դեյզի, ― հարցրեց Ստիրֆորթը՝ ծիծաղելով և աթոռից վեր կենալով։ ― Կցանկանա՞ս, որ քեզ էլ կոկի։

― Ո՛չ, միս Մաուչր, շնորհակալ եմ։ Այս երեկո չէի ցանկանա։

― Չէ մի՛ ասեք, ― ասաց գաճաճը և բանիմաց մարդու աչքով վրաս նայեց։ ― Ավելորդ չէր լինի փոքր֊ինչ գույն տալ ձեր հոնքերին։

― Շնորհակալ եմ։ Մի ուրիշ անգամ։

― Փոքր֊ինչ մոտեցնել քունքերին։ Լավ չէ՞ր լինի։ Ի՞նչ կասեք։ Այս բանը կարելի կլիներ երկու շաբաթում վերջացնել։

― Ո՛չ, շատ շնորհակալ եմ։ Թող այս անգամ չլինի։

― Եկեք նստեք գեթ մի րոպե, ― շարունակեց գաճաճը։ ― Ձեր մազերը փոքր֊ինչ գանգրացնեմ, շրթունքի վրա բեղեր շինեմ։ Շո՛ւտ արեք, շո՛ւտ։

Այս առաջարկը մերժելիս ես զգացի, որ կարմրեցի, որովհետև միս Մաուչրը շատ թույլ կողմս շոշափեց։ Բայց և այնպես դիմադրեցի նրա շողշողուն սրվակին, որով ուզում էր հրապուրել ինձ, և նա տեսնելով որ մտադիր չեմ իր արվեստի ազդեցությանը ենթարկվել, ասաց թե մի ուրիշ օր ինձ հետ կզբաղվի։ Այնուհետև խնդրեց, որ օգնեմ իրեն ներքև իջնել։ Օգնեցի։ Նա աջս բռնելով արագ ցատկեց սեղանից և իսկույն սկսեց գլխարկի կապերը կզակի տակ հարդարել։

― Իսկ պա՞րտքս, ― հարցրեց Ստիրֆորթը։

― Միայն հինգ շիլինգ, մի չնչին բան, հոգյակ իմ, ― ասաց միս Մաուչրը։ ― Չե՞ք կարծում, որ ես մի թեթևսոլիկ էակ եմ, մր․ Կոպպերֆիլդ։

Պատասխանեցի, թե «բնավ ո՛չ», թեև նա իրոք մի թեթևսոլիկ արարածի նման էր, երբ Ստիրֆորթի տված ոսկին աճպարարի պես վեր֊վեր ձգեց, հետո գրպանը սլացրեց ու ձեռքով էլ վրայից խփեց։ ― Այս իմ գանձանակն է, ― ասաց միս Մաուչրը, նորից աթոռի մոտ կանգնելով, և պայուսակի մեջ դնելով այն մանր իրերը, որ հանել էր մի ժամ առաջ։ ― Արդյոք բոլոր ծուղակներս այստե՞ղ են։ Կարծեմ այստեղ են։ Չէի ուզենա երկայնավիզ Նեդ Բրեդվուդին նմանվել, որ պսակվելու համար եկեղեցի գնալիս՝ իր հարսին հետը տանել մոռացել էր։ Հա՜, հա՜, հա՜։ Փուչ կենդանի է այդ Բրեդը, թեև շատ հանաքի։ Դե, այժմ դուք, գիտեք, պիտի արտասվեք ու ողբաք, բայց ի՞նչ անեմ, ես ստիպված եմ թողնել ձեզ։ Արիացեք, համբերատար եղեք ձեր վշտի մեջ։ Բարով մնաք, մր․ Կոպպերֆիլդ։ Զգույշ եղիր, Նորֆոլկի Ջոկի։[28] Ա՜հ, որքան ժամանակ կորցրի, ձեզ հետ շաղակրատելով։ Բայց հանցանքը ձերն է, անպիտաններ։ Վեհանձնաբար ներում եմ ձեզ։ Bob swore,[29] ― ինչպես ասում է ֆրանսերեն նոր սովորող անգլիացին, որ այդ լեզուն անգլերենին շատ նման էր գտել։ Bob swore, ձագուկներս։

Միս Մաուչրը պայուսակը թևին գցեց և շարունակելով բարբաջել, արագ սահեց դեպի դուռը, բայց դեռ դուռը չբացած՝ կանգ առավ ու ասաց մեզ․

― Չէի՞ք կամենա, պարոններ, հիշատակի համար իմ մազերից մի֊մի փնջիկ ընդունել։ Հա՜, հա՜, հա՜։ Ի՜նչ թեթևսոլիկ արարած եմ։

Եվ մատիկը քթին դնելով, անհետացավ։

Ստիրֆորթն այնպես ծիծաղեց, որ ես էլ նրա օրինակին հետևեվի, թեև տրամադիր չէի ծիծաղել։ Բավական երկար քրքջալուց հետո, նա ասաց ինձ, թե միս Մաուչրը բազմաթիվ ծանոթներ ունի և հազար տեսակ ծառայություն է անում զանազան մարդկանց։

Շատերը նրան խենթուլիկ են համարում և միայն ծաղրի առարկա, ― ասաց Ստիրֆորթը, ― բայց նա շատ նրբամիտ է ու դիտող․ ինչքան որ նրա քիթը կարճ է, այնքան էլ հոտառությունը սուր է։

Ստիրֆորթը հաստատեց միս Մաուչրի ասածը, թե նա մե՛կ այստեղ է, մե՛կ այնտեղ, ամեն տեղ և ոչ մի տեղ, որովհետև գավառից գավառ է թափառում և անկյուն չկա, ուր ամենքի հետ ծանոթ չլինի և հաճախորդներ չունենա։ Հարցրի ընկերոջս, թե միս Մաուչրը ի՞նչ էակ է, այրդյոք գլխովին չա՞ր է, թե՞ բարություն էլ ունի սրտի մեջ։ Իմ կրկնած հարցերին Ստիրֆորթն ուշք չդարձրեց և փոխանակ պատասխանելու՝ սկսեց նրա ձիրքերը, նրա դրամական շահերը գովել․ այն էլ ասաց, թե գաճաճը գիտի վարպետ կերպով սրվակ (արյան) դնել, և թե ես էլ կարող եմ, եթե պետք լինի, միս Մաուչրի այս վիրաբուժական հմտությունից օգուտ քաղել։

Այսպես գրեթե ամբողջ երեկո միս Մաուչրն էր մեր խոսակցության առարկան։ Եվ երբ ես Ստիրֆորթին բարի գիշեր ասացի ու սանդուղքից ներքև իջա, նա բազիրքից վայր կռանալով գոչեց ինձ․

― Bob swore, Դեյզի։ Bob swore:

Ես շատ զարմացա, երբ Բարկիսի տնակին մոտենալիս Հեմին տեսա, որ ետ ու առաջ էր քայլում փողոցում․ ավելի զարմացա, երբ նա հայտնեց, թե Էմլին ներսումն է։

― Իսկ դուք ինչո՞ւ ներս չեք մտնում, ― հարցրի նրան։

― Չեմ մտնում, որովհետև մաստր Դեվի, ― ասաց Հեմը վարանելով, ― Էմլին մեկի հետ խոսելիք ունի։

― Ուրեմն Հեմ, ավելի հարկավոր է ձեզ ներսում լինել, ― նկատեցի ես ժպտալով։

― Այո, այդպես է, մաստր Դեվի, ― ասաց Հեմը, ― բայց գիտե՞ք, ― շարունակեց նա ձայնն իջեցնելով ու ջանալով իր խոսքերին մի խորհրդավոր իմաստ տալ, ― Էմլին մի ջահել կնոջ հետ է բանակցում․․․ Այո՛, մի կնոջ, որի հետ մի ժամանակ ծանոթ էր, իսկ այժմ երանի թե նրան ամենևին չտեսներ։

― Նա մի ողորմելի կին է, մաստր Դեվի, մի թշվառ արարած, որին մեր ամբողջ քաղաքը ոտքի տակ կոխկռտում է։ Նա չի կարող ո՛չ փողոցում երևալ, ո՛չ եկեղեցում․․․ Ամենքը նրանից գարշում են։

― Այդ այն կինը չէ՞, որին ես տափարակի վրա տեսա, ծովափի մոտ, երեկոյան դեմ, մեր հանդիպումից մի քիչ հետո։

― Որ գալիս էր մեր հետևի՞ց, ― ասաց Հեմը։ ― Այո՛, մաստր Դեվի, գուցե նա լինի ձեր տեսածը։ Ճանապարհին մենք չգիտեինք, որ նա է, և իմացանք, երբ որ արդեն տուն էինք մտել։ Այն ժամանակ նա թաքուն Էմլիի պատուհանին մոտեցավ, որտեղից լույս էր երևում, և կամացուկ ասաց․ «Էմլի, Էմլի, աստծու սիրուն, աղաչում եմ՝ գթա ինձ։ Ես էլ մի օր քեզ նման էի՜»։ Ահ, ինչ հանդիսավոր խոսքեր էին դրանք, մաստր Դեվի։

― Իրավ որ, Հեմ։ Սակայն Էմլին ի՞նչ ասաց։

― Էմլին ասաց․ «Դո՞ւ ես, Մարթա։ Միթե դո՞ւ ես»։ Գիտե՞ք, մի ժամանակ նրանք միասին էին աշխատել մր․ Օմրի խանութում։

― Այո, այո, հիշում եմ նրան, ― գոչեցի ես, մտաբերելով այն երկու աղջիկներից մեկին, որին տեսել էի մր․ Օմրի մոտ՝ առաջին անգամը նրա կրպակը ոտք դնելիս։ ― Շատ լավ եմ հիշում։

― Նրա անունը Մարթա Էնդըլ է, ― ասաց Հեմը։ ― Երկու կամ երեք տարով Էմլիից մեծ է, բայց Էմլին ու նա միասին են սովորել դպրոցում։

― Անունը երբեք չէի լսել, ― ասացի ես։ ― Շարունակեցեք, Հեմ։

― Շարունակելու բան չկա, մաստր Դեվի։ «Էմլի, Էմլի, աստծու սիրուն, աղաչում եմ՝ գթա ինձ։ Ես էլ մի օր քեզ նման էի»։ Այս խոսքերով արդեն ամեն բան ասված է։ Նա ուզում էր Էմլիին տեսնել, բայց Էմլին անկարող էր ներս կանչել նրան, որովհետև ապերը տանն էր․․․ Այո՛, տանն էր։ Իսկ ապերը, մաստր Դեվի, չէր հոժարի․․․ երբեք, ― ասաց Հեմը ջերմությամբ։ ― Ապերը շատ բարի մարդ է, շատ գթասիրտ, բայց ծովի տակ սուզված բոլոր գանձերն էլ նրան որ տան, թույլ չի տա, որ Էմլին այն աղջկա հետ միասին գտնվի։

Ես զգում էի, որ այդ բոլորը ճշմարիտ է, և ես այս բանը նույնքան հավատում էի, որքան և ինքը Հեմը։

― Այս պատճառով էլ Էմլին մի բան գրեց թերթիկի վրա, ― շարունակեց Հեմը, ― և պատուհանից տվեց նրան։ «Այս տոմսակը տար հորաքրոջս տուր, մրս․ Բարկիսին, ― ասաց նա, ― հորաքույրս գոնե իմ սիրուն, մի անկյուն կշնորհի քեզ իր կրակի մոտ, և երբ ապերը տանից հեռանա, ես կգամ քեզ տեսնելու։ Հետո Էմլին ամեն բան կարգով պատմեց ինձ, ինչ որ ես էլ ձեզ պատմեցի, մաստր Դեվի, և խնդրեց որ իրեն այստեղ բերեմ։ Ի՞նչ անեի։ Իհարկե, պետք չէր, որ նա մի այդպիսի կնոջ հետ ծանոթ լինի, բայց նրա խնդիրքը ինչպե՞ս մերժեի, քանի որ արտասվում էր խնդրելիս։

Հեմը իր ծոցագրպանից մի սիրուն քսակ հանեց։

― Եթե արտասուքը բանի տեղ էլ չդնեի, ― շարունակեց նա, շոյելով քսակը կոշտ ափում, ― միթե կարելի՞ էր, մաստր Դեվի, դիմադրել նրան, երբ ինձ պատվիրեց այս փոքրիկ բանն այստեղ բերել։ Ես հո քար չեմ, մաստր Դեվի։ Ես հո գիտեի, թե ո՞ւմ համար է սա, ― ասաց Հեմը, լուրջ նայելով քսակին։ ― Ինչպե՜ս քիչ է միջի փողը, ա՜հ, Էմլի ջան։

Սրտանց սեղմեցի Հեմի աջը, երբ նա դարձյալ քսակը գրպանը դրեց, որովհետև խոսքերով չէի կարող զգացմունքներս ավելի լավ արտահայտել, և մենք սկսեցինք լռիկ ման գալ տան առջև։ Մի քիչ հետո դուռը բացվեց և Պեգգոտին Հեմին ներս մտնելու նշան արեց։ Ես ուզում էի հեռանալ, բայց նա ինձ էլ ներս հրավիրեց։ Ներս մտա՝ ուղղակի իմ ննջարանը քաշվելու մտքով, բայց այնտեղ գնալու համար պետք էր խոհանոցի մաքուր սենյակից անցնել, ուր նրանք բոլորը հավաքված էին․ այնպես, որ դեռ ուշքի չեկած՝ ես արդեն նրանց շրջանի մեջ էի։

Այն աղջիկը, որին ես ծովեզերքի ավազոտ տափարակի վրա էի տեսել, այժմ վառարանի մոտ էր։ Նա նստած էր հատակի վրա՝ գլուխն ու ձեռքը աթոռին հենած։ Իսկույն իմացա, որ Էմլին նոր էր աթոռից վեր կացել և որ այն խոնարհ գլուխը նրա ծնկների վրա էր հանգչել։ Մարթայի դեմքը ծածկված էր առատ մազերով, որոնք կարծես դիտավորյալ էին արձակված, այնուամենայնիվ երևում էր, որ նա դեռ ջահել և շատ սիրուն է։ Պեգգոտին լաց էր եղել։ Լաց էր եղել և Էմլին։ Մեր մտնելուց հետո մի քանի ժամանակ ոչ մի բառ չասվեց, և այս ընդհանուր լռության մեջ հոլանդական ժամցույցի թիկ֊թակը կրկնապատիկ սուր էր հնչում։

Էմլին առաջինը սկսեց խոսել։

― Մարթան ուզում է Լոնդոն գնալ, ― ասաց նա Հեմին։

― Ինչո՞ւ Լոնդոն, ― հարցրեց Հեմը։

Հեմը կանգնած էր երկուսի մեջ ու անորոշ զգացումով նայում էր կուչ եկած աղջկան․ և՛ կարեկցում էր նրան, և՛ եժգոհ էր, որ իր սիրական Էմլիի մոտ էր տեսնում նրան։ Միշտ հիշում եմ երիտասարդի այդ հայացքը։ Հեմն ու Էմլին շշնջալով էին խոսակցում, կարծես հիվանդի պես, բայց այնքան պարզ, որ ամեն մի բառ լսելի էր։

― Լավ է այնտեղ լինեմ, քան այստեղ, ― հնչեց հանկարծ մի երրորդ ձայն։ (Այս ասողը Մարթան էր, որ դեռ անշարժ նստած էր։) ― Այնտեղ ինձ ճանաչող մարդ չկա։ Այստեղ ամենքը ճանաչում են։

― Ի՞նչ պիտի անի այնտեղ, ― հացրեց Հեմը։

Մարթան գլուխը փոք֊ինչ բարձրացրեց, մռայլ նայեց Հեմին, հետո նորից կուչ եկավ, աջ ձեռքը ծոծրակին դրեց, և մահառիթ վերք ստացողի պես մի սրտակեզ հառաչ հանեց։

― Նա կաշխատի իրեն ուղղել, ― ասաց Էմլին։ ― Դու չգիտես, թե ինչ բաներ ասաց մեզ։ Չէ՞, հորաքույր․․․ սա․․․ սրանք չեն էլ կարող գիտենալ։

Պեգգոտին կարեկցաբար գլուխը շարժեց։

― Այո, ես կջանամ ուղղել ինձ, եթե օգնեք ինձ հեռանալ, ― ասաց Մարթան։ ― Ինչ էլ անեմ, ավելի վատ չի լինի, քան ինչ որ արել եմ այստեղ։ Լոնդոնում ես կաշխատեմ ավելի լավ պահել ինձ։ Օ՜հ, ― ասաց նա սարսռալով, ― հեռացրեք ինձ այս քաղաքից, ուր ամեն մարդ ճանաչում է ինձ փոքր հասակից։

Էմլին իր աջը Հեմին մեկնեց, և ես տեսա, որ Հեմը մի կտավե քսակ դրեց նրա ափի մեջ։ Էմլին առավ կարծելով թե իր քսակն է, և մի երկու քայլ առաջ գնաց, սակայն սխալը նկատելով, դիմեց Հեմին, որ ետ էր քաշվել դեպի ինձ, և ասաց նրան․

― Դու սխալվել ես, սիրելիս, այս քսակը իմը չէ։

― Ոչ քոնն է, Էմլի, ― պատասխանեց Հեմը։ ― Աշխարհումս ես բան չունեմ, որ քոնը չլիներ, անգին իմ։

Էմլիի աչքերը դարձյալ արցունքով լցվեցին, բայց նա շուռ եկավ և Մարթային մոտեցավ։ Ի՞նչ տվեց նրան, չգիտեմ։ Տեսա միայն, որ կռանալով փող դրեց նրա ծոցը։ Հետո մի քանի խոսք շշնջաց նրան ու հարցրեց, թե հերի՞ք է։ «Պետքից ավելի», ասաց մյուսն ու նրա ձեռքը համբուրեց։

Հետո Մարթան վեր կացավ, շալը գլխին փաթաթեց, երեսը ծածկեց և բարձրաձայն հեկեկալով՝ համրաքայլ մոտեցավ դռանը։ Դուրս գնալուց առաջ մի վայրկյան շեմքի վրա կանգ առավ, կարծես թե կամենում էր մի բան ասել, սակայն շրթունքից ոչ մի բառ դուրս չեկավ։ Միայն մի դառնակսկիծ հառաչ արձակեց ու գնաց։

Դուռը փակելուն պես փոքրիկ Էմլին ահով նայեց բոլորիս և դեմքը ձեռքերի մեջ թաքցնելով հեկեկաց։

― Բավական է, Էմլի, ― ասաց Հեմը, նրա ուսը շոշափելով։ ― Մի՛ լար, սիրելիս, հերիք է։

― Օ՜հ, Հեմ, ― գոչեց Էմլին, աղիողորմ լաց լինելով, ― ես այնքան բարի աղջիկ չեմ, ինչքան որ պետք էր․․․ Այո՛, երբեմն շատ ապերախտ եմ։

― Ինչեր ես ասում, ― գոչեց Հեմը։ Ես լավ գիտեմ, որ դու ազնվասիրտ աղջիկ ես։

― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ― գոչեց Էմլին հեծելով։ ― Ես բնավ այնքան բարի չեմ, ինչքան որ պետք էր ինձ լինել։ Ինձ դեռ շատ բան պակաս է, շատ ու շա՜տ բան։

Եվ նա շարունակեց կոտրված սրտով լալ ու կոծել։

― Ես անչափ շատ եմ փորձում քո սերը, ― ասաց նա։ ― Շատ եմ գրգռում ու տանջում քեզ իմ հեղհեղուկ վարմունքով, թեթևամիտ ընթացքով, այն ինչ պետք չէր, որ ես այդպես անեի։ Իսկ դու միշտ վեհանձն ես, միշտ բարի ես դեպի ինձ։ Օ՜հ, ինչո՞ւ եմ քեզ հետ այդպես վարվում, մինչդեռ մտքերիս միակ նպատակը այն պիտի լիներ, որ ես քեզնից շնորհակալ լինեմ և քեզ երջանիկ դարձնեմ։

― Քեզ հետ ես միշտ երջանիկ եմ, անգին Էմլի, ― ասաց Հեմը։ ― Երջանիկ եմ քեզ տեսնելիս, երջանիկ եմ օր ու գիշեր միայն քո մասին մտածելիս։

― Ա՜հ, այդ բավական չէ, ― լալով գոչեց Էմլին։ ― Դրա պատճառը քո բարությունն է, ոչ թե իմը։ Օ՜հ, դու շատ ավելի բախտավոր կլինեիր, Հե՛մ, եթե մեկ ուրիշին սիրեիր, մեկ ուրիշին․․․ որ ավելի հաստատամիտ լիներ և ավելի քեզ արժանի․․․ Բոլորովին քեզ նվիրված, այլ ոչ թե ինձ նման ունայնամիտ ու փոփոխական։

― Խեղճ աղջիկ, ― ասաց Հեմը մեղմ ձայնով։ ― Մարթան սրա սիրտը սաստիկ հուզել է։

― Հորաքույր, աղաչում եմ մոտեցիր ինձ, ― հեկեկաց Էմլին։ ― Թույլ տուր գլուխս ուսիդ դնեմ։ Օհ, ես շատ թշվառ եմ այս երեկո, հորաքույր։ Ես բնավ այնքան լավ աղջիկ չեմ, ինչքան որ կարծում եք։ Գիտեմ, գիտեմ։

Պեգգոտին շտապեց վառարանի մոտ նստել։ Էմլին նրա վզին փարվելով՝ առջևը չոքեց ու լրջությամբ նայեց երեսին։

― Աղաչում եմ, հորքուրիկ, օգնիր ինձ, ― ասաց նա։ ― Սիրելի Հեմ, օգնիր ինձ։ Մր․ Դավիթ, պաղատում եմ ձեզ՝ մեր մանկության սիրուն, «օգնեցեք» ինձ։ Ես ուզում եմ հարյուր անգամ ավելի երախտագետ լինել, քան որ եմ։ Ուզում եմ ավելի լավ աղջիկ լինեմ։ Փափագում եմ լիովին զգալ, թե ինչ երջանկություն է մի պատվական մարդու կին դառնալ, խաղաղ ապրել նրա հետ միասին։ Օհ, աստված իմ, օհ սի՜րտս, սի՜րտս։

Էմլին մի սուր ճիչ արձակելով դայակիս կրծքի վրա ընկավ և շարունակեց հանդարտ լաց լինել, մինչ պառավն աշխատում էր փայփայել նրան, ինչպես մի երեխայի։ Էմլին, իր սրտաճմլիկ ցավն ու վիշտն արտասվալից աղերսանքով հայտնելիս, բոլորովին նման էր թե՛ կնոջ, թե՛ երեխայի, որով ավելի էր աչքի ընկնում նրա իսկական բնավորությունն ու գեղեցկությունը։

Նրա հուզմունքը քիչ֊քիչ մեղմացավ, և մենք սկսեցինք նրան մեկ խրախուսելով, մեկ հանաքներ անելով սիրտ տալ։ Նա կամացուկ բարձրացրեց գլուխը ու սկսեց խոսել։ Մի քիչ հետո փորձեց ժպտալ, ապա ծիծաղեց, վերջապես վերկացավ և նստեց մեր կողքին։ Պեգգոտին նրա գզգզված մազերը կարգի բերեց, աչքերը սրբեց, երեսը մաքրեց, որպեսզի հորեղբայրը տուն մտնելիս չհարցնի, թե ինչո՞ւ է լաց եղել իր սիրելի թոռնիկը։

Առաջին անգամն էր, որ Էմլին իմ ներկայությամբ այդ գիշեր մի անմեղ համբույր տվեց իր նշանածին և հենվեց նրան, ասես թե կամենալով նրա մեջ գտնել իր լավագույն նեցուկը։ Երբ նրանք հեռանում էին լուսնի լույսով, ես նայում էի, համեմատելով նրանց մեկնելը Մարթայի մեկնելու հետ, տեսա որ Էմլին երկու ձեռքով Հեմի թևը բռնլ և ամուր ու սեղմ կպել է նրան։


Գ․ գլուխ

Հաստատում եմ մր․ Դիկի կարծիքը և ընտրում եմ մի նոր ասպարեզ


Առավոտյան զարթնելիս երկար ժամանակ մտածում էի փոքրիկ Էմլիի մասին և հիշում այն հուզմունքը, որ վրդովել էր նրան Մարթայի մեկնելուց հետո։ Ինձ թվում էր, թե այն բոլորը, ինչ որ պատահմամբ երեկ իմացա ընտանեկան, մի սրբազան խոստովանանք է, որի մասին ես Ստիրֆորթին անգամ պատմելու իրավունք չունեմ։ Ոչ մի արարած իմ սրտի վրա այնպես քնքուշ չէր ազդել, ինչպես փոքրիկ Էմլին, մանկությանս այդ ընկերը, որին, ― հավատացած եմ մինչև հետին շունչս հավատացած կմնամ, ― նվիրված էի շատ ջերմ և շատ մաքուր զգացմունքով։ Ասել որևէ մեկին, անգամ Ստիրֆորթին, այն բոլորը, ինչ որ Էմլին, չկարողանալով իր վիշտը ծածկել, հայտնել էր ինձ մի անակնկալ դեպքի առթիվ, կարծում էի թե մի տմարդի գործ կլինի և անարժան թե՛ ինձ, և թե՛ մեր սուրբ մանկության ճաճանչին, որ միշտ տեսել էի նրա գլխի շուրջը շողալիս։ Այդ պատճառով որոշեցի, նրա գաղտնիքը թաքուն պահել սրտիս խորքում, կարծես թե այդ գաղտնիքը նրա պատկերին մի նոր փայլ էր շնորհում։

Նախաճաշի միջոցին տատիս վերջին նամակը հասավ ինձ։ Դրա մեջ մի այնպիսի նյութ կար, որի մասին իմ կարծիքով ոչ ոք չէր կարող ավելի լավ խորհուրդ տալ ինձ, քան Ստիրֆորթը, ուստի և մտքումս դրի բովանդակությունը ճանապարհին հայտնել նրան։ Այժմ առանց այդ էլ շատ բան ունենք անելու։ Մեզ պետք էր հրաժեշտ տալ մեր բոլոր բարեկամներին։ Դրանց թվում վերջինը չէր մր․ Բարկիսը, որ ցավ հայտնեց մեր մեկնելու պատճառով․ անտարակույս նա իր սնդուկը նորից կբանար ու դարձայլ մի հատ ոսկի կզոհեր, եթե միայն կարենար էլի մի երկու օր Յարմաութում պահել մեզ։ Մր․ Պեգգոտին և իր բոլոր գերդաստանը վերին աստիճանի տխրեցին։ Օմրի ու Ջորեմի ամբողջ տունը դուրս եկավ մեզ բարի ճանապարհ մաղթելու, և Ստիրֆորթի կողքը այնքան ձկնորսներ հավաքվեցին՝ մեր հակերը մինչև դիլիժանսը կրելու համար, որ եթե մենք մի զորագնդի իրեղեններ էլ ունենայինք, այդ ամենը միանգամից կտարվեր։ Կարճ ասած՝ մենք մեկնեցինք բոլոր բարեկամներին կսկիծ պատճառելով, և շատերին տրտմած թողինք մեր հետևից։

― Դուք այստեղ երկա՞ր կմնաք, Լիտտիմեր, ― հարցրի ես, մինչ նա կանգնած էր՝ դիլիժանսի շարժվելուն սպասելով։

― Ոչ, սըր, ― պատասխանեց նա։ ― Հավանական է, որ շատ երկար չմնամ։

― Ինքն էլ չգիտի՝ մինչև երբ, ― նկատեց Ստիրֆորթը մի անտարբեր եղանակով։ ― Նա միայն այն գիտի, ինչ որ պարտավոր է այստեղ անել, և կանի։

― Իհարկե կանի, ― ասացի ես։

Լավ կարծիքիս փոխարեն շնորհակալություն հայտնելու համար, Լիտտիմերը իր աջը գլխարկին դրեց, և ես զգացի, որ միայն ու միայն ութ տարեկան եմ։ Կառքը տեղից շարժվելուն պես՝ նա կրկին իր գլխարկը շոշափեց, բարի ճանապարհ մաղթելով մեզ, և մայթի վրա կանգնած մնաց՝ եգիպտական բուրգի նման խորհրդավոր ու պատկառելի։

Մի քանի ժամանակ ընկերս ու ես լուռ էինք։ Ստիրֆորթը խոսելու տրամադիր չէր, իսկ ես մտածում էի, թե ե՞րբ նորից այդ բոլոր վայրերը կտեսնեմ և բացակաությանս միջոցին ի՞նչ փոփոխություններ կլինեն նրանց կամ իմ մեջ։ Հանկարծ Ստիրֆորթը զվարթացավ, ինչպես ընդունակ էր զվարթանալ և կամ տխրել իր ուզած րոպեին, և հրեց ինձ, ասելով․

― Դե, ինչո՞ւ ես լուռ, ա՛յ Դավիթ։ Այն ի՞նչ նամակ էր, որի մասին խոսում էիր այսօր։

― Հա, ― ասացի ես, նամակը գրպանիցս հանելով։ ― Տատիս նամակն է։

― Եվ ինչ է գրում, որ ուշադրության արժանի լինի։

― Հիշեցնում է ինձ, թե ուղևորությանս նպատակն էր աշխարհ տեսնել ու խորհել։

― Եվ հարկավ հասե՞լ ես նպատակիդ։

― Ոչ լիովին։ Ուղիղն ասեմ՝ գրեթե մոռացել էի այդ նպատակը։

― Դե, գոնե այժմ չորս կոմղդ նայիր և շտապիր ուղղել անհոգությունդ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Նայիր դեպի աջ, և մի տափարակ ճախճախուտ երկիր կտեսնես․ նայիր դեպի ձախ, և նույն պատկերը կտեսնես։ Առաջ նայիր, և զանազանություն չես գտնի․ հետևդ էլ միևնույն է։

Ես ծիծաղեցի և ասացի, որ իրավ մի հարմար պաշտոն չեմ գտնի այդ ամբողջ շրջակայքում, և պատճառը թերևս դրա միակերպ հարթությունը լինի։

― Ի՞նչ է գրում տատդ այդ մասին, ― հարցրեց Ստիրֆորթը, ձեռքիս նամակին նայելով։ ― Մի որևէ ակնարկություն չի՞ անում քեզ։

― Ինչպես չէ, ― ասացի ես։ ― Հարցնում է՝ արդյոք կցանկանայի՞ պրոկտր լինել։ Ի՞նչ կասես այս մասին։

― Իրավ չգիտեմ, ― պատասխանեց անփույթ կերպով Ստիրֆորթը։ ― Սակայն կարծում եմ, թե դու նույնքան այդ պաշտոնին հարմար ես, որքան և ուրիշ պաշտոնի։

Ես նորից ծիծաղեցի, տեսնելով որ նա բոլոր պաշտոններն ու կոչումները հավասար է դասում։

― Պրոկտր ասածդ ի՞նչ բան է, Ստիրֆորթ։

― Պրոկտրը մի տեսակ վանական գործակալ է, ― պատասխանեց Ստիրֆորթը։ ― Նա նստում է Դոկտորների Համայնքում[30] և այդ հնացած հաստատության մեջ նույն դերն ունի, ինչ որ միջնորդը կամ փաստաբանը աշխարհիկ դատարանում։ Նա մի պաշտոնատար է, որի գոյությունը, իրերի բնական ընթացքին նայելով, իսկապես երկու դար առաջ դադարած պիտի լիներ։ Նրա ինչ լինելն ավելի լավ կհասկանաս, եթե ասեմ, թե ի՞նչ է իրոք Դոկտորների Համայնքը։ Դա մի առանձնացած, ետ ընկած անկյուն է, ուր գործադրում են եկեղեցական կոչված օրենքը և ինչ տեսակ խաղեր ասես խաղում է պառլամենտի հին ու անպետք հրովարտակների հետ, որոնց գոյության մասին տասը մարդուց հինգը գաղափար չունեն, իսկ մյուս հինգի կարծիքով նրանք արդեն Էդուարդների[31] ժամանակից բրածո դարձած բաներ են։ Դոկտորների ատյանը հնուց արտոնություն ունի քննելու և վճռելու կտակների ու պսակների վերաբերյալ գործերը, ինչպես և նավերի ու նավակների միջև ծագած վեճերը։

― Ինչ անհեթեթ բաներ, Ստիրֆորթ, ― գոչեցի ես։ ― Ի՞նչ առնչություն կամ հարաբերություն կա եկեղեցական և նավային գործերի միջև։

― Չեմ ասում, սիրելիս, թե կա, ― պատասխանեց Ստիրֆորթը, ― այլ ասում եմ միայն, թե այս բոլոր գործերը քննում ու դատում են նույն Դոկտորների Համայնքում նստած անձինք։ Եթե մի օր այնտեղ գնաս, կտեսնես, թե ինչպե՞ս են այդ արգո պարոնները խելք մաշում Իվնգի ծովային բառարանի վրա՝ պարզելու համար, թե ի՞նչ կերպով էր Նանսի նավը Սարա Ջենին ընկղմել կամ թե ինչպես էր մի ալեկոծության ժամանակ մր․ Պեգգոտին Յարմաութցի նավաստիների հետ խարիսխ ու պարան հասցրել վտանգված Նելսըն նավին, որը նոր էր եկել Հնդկաստանից։ Մի ուրիշ օր էլ կգտնես նրանց՝ որևէ անկարգ քահանայի գործի առթիվ թեր ու դեմ ճառելիս, և կտեսնես, որ միևնույն դոկտորը մի անգամ ծովային գործի դատավոր է, մյուս անգամ քահանայական դատի փաստաբան, և ընդհակառակը։ Այդ մարդիկ դերասանների նման են․ մի օր մեկը դատավոր է, մի ուրիշ օր դատավոր չէ․ դերերը շարունակ փոխվում են, բայց որքան էլ փոխվեն՝ ներկայացումը շատ զվարճալի ու շահաբեր է և շատ ընտիր հասարակության առջև է կատարվում։

― Սակայն չէ՞ որ փաստաբաններն ու պրոկտրները տարբեր անձինք են։ Խնդրեմ այս կետը բացատրես ինձ։

―Սիրով, ― ասաց Ստիրֆորթը։ ― Փաստաբանները քաղաքային պաշտոնյաներ են՝ համալսարանում դոկտորի աստիճան ստացած և այս է պատճառը, որ փոքր֊ինչ ծանոթ եմ նրանց հետ։ Պրոկտրները գործի են դնում փաստաբաններին։ Թե՛ սրանք, թե՛ նրանք լավ են վաստակում և շատ հանգիստ կյանք վայելում։ Միով բանիվ՝ խորհուրդ կտամ քեզ, Դավիթ, չարհամարել Դոկտորների Համայնքը։ Այս էլ կասեմ՝ եթե ուզում ես իմանալ, որ նրանք պարծենում են իրենց ազնվականությամբ։

Չնայելով Ստիրֆորթի թեթև վերաբերմունքին դեպի այդ նյութը՝ ես պատկառանք զգացի ս․ Պողոսի գավթին մոտիկ հնադարյան անկյունից և հակվեցի տատիս առաջարկն ընդունելու, որ նա հղացել էր Դոկտորների Համայնքում, ուր նորերս իր պրոկտրին տեսնելու և իր կտակը հօգուտ ինձ հաստատելու էր գնացել։

― Համենայն դեպս տատիդ արածը գովելի բան է, ― ասաց Ստիրֆորթը, երբ ես նրան այս ամբողջ եղելությունը պատմեցի։ ― Դեյզի, ես քեզ խորհուրդ եմ տալիս չարհամարհել Դոկտորների Համայնքը։

Արդեն որոշել էի այդպես անել։ Այնուհետև պատմեցի Ստիրֆորթին, որ տատս սպասում է ինձ Լոնդոնում, ուր մի շաբաթով բնակարան է վարձել Լինկոլնս ― Ինն ― Ֆիլդս թաղի հյուրանոցում, և որ բնակարանը քարե սանդուղք և դեպի կտուրը տանող մի առանձին դուռ ունի։ Տատս հաստատ համոզված էր, չգիտեմ ինչո՞ւ, թե Լոնդոնի ամեն մի տուն յուրաքանչյուր գիշեր այրվելու վտանգի է ենթակա։

Ճանապարհի մնացած մասը բավական զվարթ անցկացրինք, զրուցելով Դոկտորների Համայնքի մասին և գուշակելով այն ապագան, երբ ես այդ ատյանում պրոկտր կլինեմ։ Ստիրֆորթն այնպես ծաղրական գույներով էր պատկերացնում իմ պաշտոնը, որ երկուսս էլ ծիծաղից թուլանում էինք։ Երբ Լոնդոն հասանք, նա դեպի տուն գնաց խոսք տալով հետևայլ օրը տեսնել ինձ, իսկ ես գնացի Լինկոլնս―Ինն―Ֆիլդսի հյուրանոցը, ուր տատս դեռ արթուն էր և ընթրիքի էր սպասում ինձ։

Եթե մեր բաժանվելուց ի վեր ես աշխարհի շուրջը պտտած լինեի, դարձյալ մեր տեսակցությունն ավելի քաղցր չէր լինի։ Տատս լաց եղավ ինձ համբուրելիս և կեղծ ժպիտով ասաց, որ մայրիկս, այդ խեղճ մանուկը, անշուշտ կարտասվեր, եթե այժմ ինձ տեսներ։

― Ուրեմն, տատիկ, տա՞նն եք թողել մր․ Դիկին, ― ասացի ես։ ― Շատ ափսոս։ Բարով Ջենետ, ինչպե՞ս եք։

Մինչ Ջենետն ինձ կնիքս էր անում և իր կողմից առողջությունս հարցնում, նկատեցի որ տատս քիթն ու պռունկը կախեց։

― Ես էլ շատ եմ ափսոսում, ― ասաց նա, քթի ծայրը տրորելով։ ― Եկած օրիցս դեռ ոչ մի րոպե հանգստություն չեմ գտել, Տրոտ։

Ու մինչ կհարցնեի, թե ինչո՞ւ էր անհանգիստ, տատս տխրագին հաստատակամությամբ իր ձեռքը սեղանին դեմ տվեց և շարունակեց․

― Հավատացած եմ, որ մր․ Դիկը այնքան կամքի ուժ չունի, որ կարողանա մեր մարգից հալածել էշերին։ Գիտեմ, նրա կամքը թույլ է։ Նրա փոխարեն Ջենետին պետք էր տանը թողնել․ այն ժամանակ սիրտս հանգիստ կլիներ։ Հաստատ համոզված եմ, ― ասաց տատս ազդու ձայնով, ― որ այսօր ուղիղ ժամը չորսին մի էշ անցավ մարգի միջով։ Ճիշտ այդ ժամին ես ամբողջ մարմնով սարսուռ զգացի․ այս մի անսխալ նշան է, որ անցավ։

Ես փորձեցի սփոփել տատիս, սակայն նա ոչ մի սփոփանք չընդունեց։

― Գիտեմ, ― ասաց նա, ― մի էշ անցավ, և հատկապես այն կամակոր հաստ էշը, որի վրա նստած մեզ մոտ էր եկել մարդասպանի քույրը։

Մարդասպանը (murderer) մր․ Մեորդստոնն էր․ տատս ուրիշ անուն չէր տալիս նրան։

― Ամբողջ Դուվրում մի էշ չկա, ― իր խոսքն ավարտեց տատս, սեղանին խփելով, ― որի լրբությունը այսքան ինձ բարկացներ։

Ջենետը համարձակ նկատեց, թե տատս զուր է վրդովվում, որովհետև այն էշը նույն օրը վարձված էր ծովափից ավազ կրելու, ուրեմն ամենևին չէր կարող մարգի վրայով անցկենալու ոճիր գործել։ Սակայն տատս ոչինչ չէր ուզում լսել։

Ընթրիքը շատ լավն էր ու տաք֊տաք բերված, չնայած խոհանոցը տատիս վարձած սենյակներից բավական հեռու էր։ Թե նա ինչո՞ւ հատկապես վերևի հարկումն էր բնակարան վարձել ― արդյոք նրա՞ համար, որ իր վճարած փողի փոխարեն ավելի շատ քարե աստիճաններ ունենա, թե կտրի դռան ավելի մոտիկ գտնվի ― չգիտեմ։ Մեզ բերին տապակած վառեկ, խորոված միս և կանաչի։ Ես ախորժակով բոլորից էլ կերա, բոլորն էլ պատվական էր։ Բայց տատս Լոնդոնի մթերքի մասին իր առանձին կարծիքն ուներ, և քիչ էր ուտում։

― Գրավ եմ բռնում, ― ասաց նա, ― որ այս վառեկը մի որևէ մառանումն է աշխարհ եկել ու աճել և ոչ մի ժամանակ մաքուր օդ չի շնչել, բացի միայն շուկա հանելիս։ Խորովածը գուցե տավարի մսից է, բայց վստահ չեմ։ Այստեղ ոչ մի բան բնական չէ, բացի կեղտից։

― Սակայն, տատի, միթե չի կարելի ենթադրել, թե մի գյուղից բերված լինի այս հավը, ― ասացի ես։

― Ամենևին ոչ, ― պատասխանեց նա։ ― Լոնդոնի վաճառականներին մի անխարդախ բան ծախելը ձեռք չի տա։

Չուզեցի հերքել այդ կարծիքը, բայց լավ ախորժակով ընթրեցի, որ մեծապես գոհացրեց տատիս։ Երբ սեղանը հավաքեցին, Ջենետը տատիս մազերը հարդարեց և օգնեց գիշերվա գլխանոցը հագնել, որ սովորականից ավելի դիմացկուն նյութից էր պատրաստված, «ի դեպս հրդեհի», ինչպես որ տատս ասաց, և ապա նրա զգեստի փեշերը ծնկների վրա դրեց, որպեսզի նա, սովորության համեմատ, քնելուց առաջ իր ոտքերը տաքացնի։ Այնուհետև ես, հաստատված կարգին հետևելով, որից երբեք չէր կարելի մազի չափ շեղվել, նրան մատուցեցի մի բաժակ ջրախառն ու գաղջ սպիտակ գինի և մի քանի նուրբ ու բարակ հացի շերտեր, որ պետք էր նախ կրակի վրա խորովել։ Այս բոլորից հետո տատս ու ես մենակ մնացինք դեմ առ դեմ, նա հացի շերտիկները գինու մեջ մեկ֊մեկ թաթախելով վայելում էր և գորովով նայում վրաս իր գլխանոցի եզրերի տակից։

― Այժմ, Տրոտ, ― սկսեց նա, ― գնանք պրոկտրի պաշտոնին։ Գուցե դեռ չես էլ մտածել այդ մասին։

― Շատ եմ մտածել, սիրելի տատիկ, և այդ մասին շատ եմ խոսել Ստիրֆորթի հետ։ Ձեր գաղափարը վերին աստիճանի դուր է գալիս ինձ։

― Շատ գոհ եմ, որ այդպես է, ― ասաց տատաս։

― Միայն թե մի դժվարություն կա, սիրելի տատ։

― Ի՞նչ դժվարություն, Տրոտ։

― Այն որ լսածներիս նայելով, պրոկտրի պաշտոն ստանալը հեշտ բան չէ, և գուցե դուք ստիպված լինեք ահագին ծախքեր անել՝ ինձ այդ պաշտոնի մեջ մտցնելու համար։

― Պետք կլինի մի հազար ստեռլինգ տալ, ― ասաց Տատս։

― Ահա այս հանգամանքն է վրդովում ինձ, սիրելի տատ, ― ասացի ես, աթոռս նրան մոտեցնելով։ ― Դա մի խոշոր գումար է։ Առանց այդ էլ դուք շատ եք ծախսել կրթությանս համար և ամեն բանում առատաձեռն եղել դեպի ինձ։ Ձեր վեհանձնությունն անչափ է։ Սակայն մի՞թե կարելի չէ մի ուրիշ պաշտոն ձեռք բերել, որ այդքան թանկ չնստեր․ ես վստահ եմ, որ իմ անձանական եռանդով ու աշխատասիրությամբ կկարողանամ առաջ գնալ կյանքի մեջ։ Միթե հավաստի չե՞ք, որ այդպես անելն ավելի լավ կլիներ։ Կամ թե իրոք համոզված եք, որ ձեռնահաս եք մի մեծաքանակ գումար ծախսել և որ անհրաժեշտ է այդ ծախսը անել։ Ես միայն աղաչում եմ, իմ սիրելի երկրորդ մայրիկ, որ այս խնդիրը լավ կշռեք։

Տատս վերջացրեց պաքսիմատները, որ շարունակ վրաս նայելով ուտում էր, հետո բաժակը վառարանի քիվի վրա դրեց, ձեռքերը ծնկներին ծալեց և հետևյալ պատասխանը տվեց․

― Տրոտ, որդյակ իմ, ես միայն մի բաղձանք ունեմ այս աշխարհում, այն է, որ դու մի բարի, ազնիվ և երջանիկ մարդ դառնաս։ Այս է իմ միակ փափագը․․․ նմանպես և Դիկի։ Շատ կցանկանայի, որ բոլորը լսեին կարծիքն այս մասին։ Այդ մարդու մտքի կորովն արդարև զարմանալի է։ Սակայն ինձնից բացի, ոչ ոք չկար, որ նրա խելքի տարօրինակ զորությունը ճանաչեր։

Տատս մի վայրկյան կանգ առավ ու ձեռքս բռնելով, շարունակեց․

― Ավելորդ է, Տրոտ, մտաբերել անցյալը, քանի որ նա չի կարող օգուտ բերել ներկային։ Գուցե ինձ պետք էր հորդ հետ ավելի մտերմիկ լինել, շատ ավելի սեր ընծայել խեղճ միամիտ մայրիկիդ, թեև քույրդ՝ Բեթսի Տրոտուդը, հույսերս ի չիք դարձրեց։ Երբ որ դու իմ մոտ եկար ինչպես մի փախստական, պատառոտած, ջարդված, փոշոտ մանուկ, այս բոլորը մտքովս անցավ։ Այն օրից մինչև այժմ իմ պարծանքը ու սփոփանքը դու ես, Տրոտ։ Քեզնից բացի, ոչ մի մարդ ունեցվածքիս վրա իրավունք չունի, գոնե․․․

Այստեղ տատս զարմացնելով ինձ՝ կակազեց ու շփոթվեց։

― Այո՛, ուրիշ ոչ ոքի իրավունք չունեմ իմ ունեցվածքը ժառանգելու, և դու իմ որդեգիրն ես։ Միայն թե տատիդ սիրող որդի եղիր, և քմահաճույքներս տար։ Իմ ծաղիկ հասակն այնքան երջանիկ չէր, ինչքան որ կարող էր լինել։ Սիրելով ինձ, դու պառավ տատիդ ավելի մեծ լավություն կանես, քան ինչ որ ես եմ արել քեզ համար։

Այս առաջին անգամն էր, որ տատս իր անցյալի վրա էր ակնարկում իմ մոտ։ Այս հանգիստ ու թռուցիկ ակնարկության եղանակի մեջ նա այնքան վեհանձնություն ցույց տվեց, որ հենց դրա համար ես ավելի կսիրեի ու կպաշտեի նրան, եթե միայն հնար լիներ է՛լ ավելի սիրել ու պաշտել նրան։

― Այժմ, Տրոտ, մեր առջև ամեն բան պարզեցված ու վերացված է, ― ասաց տատս։ ― Էլ այս մասին չխոսենք։ Համբուրիր ինձ, և առավոտյան նախաճաշից հետո միասին կերթանք Դոկտորների Համայնքը։

Վառարանի առջև մենք դեռ երկար նստած մնացինք, իրար հետ զրույց անելով։ Ես քնեցի տատիս սենյակին կից համարում։ Կես֊գիշերին, կառքի դղրդյուն լսելուն պես, տատս անկողնուց թռչում էր ու դուռս բախում՝ հարցնելու ինձ, թե արդյոք անցնողները հրշեջներ չե՞ն։ Սակայն լուսադեմին հանգստավավ, թողնելով որ ես էլ հանգիստ քնեմ։

Առավոտյան ժամը տասնմեկին գնացինք մր֊մր․ Սպընլոյի ու Ջորկինսի գրասենյակը, որ Դոկտորների Համայնքումն էր գտնվում։ Տատս, որ առհասարակ այն կարծիքն ուներ Լոնդոնի մասին, թե այնտեղ ամեն մարդ գրպանահատ է, իր քսակը, որի մեջ տասը գինե և մի քանի արծաթ կար, ինձ պահելու տվեց։

Կանգ առանք Ֆիլտ֊ստրիտում, խաղալիքների կրպակի առջև՝ լսելու, թե սուրբ Դունստանի հսկայական ժամացույցը ինչպես կխփի։ Գիտությամբ էինք մեր քայլերը հարմարեցնում, որպեսզի ճիշտ ժամը տասներկուսին տեղ հասնենք։ Արդեն մոտենում էինք ս․ Պողոսին, երբ ես նկատեցի, որ տատս հանկարծ իր քայլերը արագացրեց և զարհուրած երևաց։ Միևնույն ժամանակ աչքիս ընկավ մի վատ հագնված մռայլադեմ մարդ, որ փոքր֊ինչ առաջ մեզ էր դիտում, իսկ այժմ այնպես էր մոտեցել, որ գրեթե դիպչում էր տատիս։

― Տրոտ։ Սիրելի Տրոտ, ― սոսկալով շշնջաց տատս ու թևս ամուր հուպ տվեց։ ― Չգիտեմ՝ ի՞նչ անեմ։

― Հանգիստ կացեք, բան չկա, տատի, ― ասացի ես։ ― Մտեք ահա այս խանութը, ես մի վայրկյանում կազատեմ ձեզ այդ պարոնից։

― Ո՛չ, ո՛չ, որդի, ― վրա բերեց տատս։ ― Աստծու սիրուն, հետը չխոսես։ Աղաչում եմ, հրամայում եմ քեզ՝ չխոսես։

― Բայց ինչո՞ւ։ Չէ՞ որ դա մի լիրբ մուրացկան է։

― Դու չգիտես, թե ով է, ― պատասխանեց տատս։ ― Նրա ով լինելը չգիտես և չես իմանում, թե ինչ ես ասում։

Կանգ առանք մի կառանցիկ դռան տակ․ մարդն էլ կանգնեց։

― Մի՛ նայիր նրան, ― ասաց տատս, երբ ես բարկանալով նրա կողմը շուռ եկա։ ― Գնա, սիրելիս, մի կառք վարձիր և սպասիր ինձ սուրբ Պողոսի գավթում։

― Ձեզ սպասե՞լ, ― կրկնեցի ես։

― Այո՛, այո՛։ Ես կերթամ․․․ նրա հետ կերթամ։

― Նրա՞ հետ, տատի։ Ա՞յդ մարդու հետ։

― Խելքս վրաս է, ― պատասխանեց տատս։ ― Ինձ պետք է նրա հետ գնալ։ Մի կառք բեր ինձ համար։

Զարմանքս մեծ էր, բայց իրավունք չունեի հակառակելու այդ վճռական հրամանին։ Շտապով մի քանի քայլ հեռացա և մի ազատ կառք կանչեցի։ Դեռ կառքի աստիճանը չէր իջեցրել, որ տատս, չգիտեմ ինչպես, ներս թռավ, մարդն էլ հետևից։ Տատս իր քսակը ետ պահանջեց և նշան արեց, որ հեռանամ։ Շուռ եկա թե չէ՝ նա պատվիրեց կառապանին․

― Քշի՛ր։

― Դեպի ո՞ւր։

― Դեպի ուր կուզես։

Եվ կառքն իսկույն իմ մոտովն անցավ։

Հիշեցի, որ մր․ Դիկը մի օր ինձ մի բան էր պատմել, որը ես նրա ցավագար երևակայության արգասիք էի համարել։ Այժմ չէի կասկածում, որ այսօրվա անծանոթը մր․ Դիկի խորհրդավոր ասած մարդն է, թեև չէի կարող ըմբռնել, թե նա ի՞նչ տեսակ ազդեցություն ուներ տատիս վրա։ Եկեղեցու գավթում կես ժամի չափ սպասեցի, հետո միայն կառքը ետ եկավ և գավթի առջև կանգ առավ․ տատս մենակ էր։

Նա դեռ այնքան չէր հանգստացել հուզմունքից, որ կարողանար այցելություն անել պաշտոնական անձանց։ Նրա խնդրանքով ես էլ կառք նստեցի և կառապանին պատվիրեցի հանդարտ քայլով պտույտներ անել։ Այնուհետև տատս ասաց․

― Սիրելի որդյակ, երբեք չհարցնես, թե այս օրվա դեպքն ինչ էր։ Ես կամենում եմ, որ այդ մասին ակնարկություն անգամ չանես։

Տատս այլևս ոչինչ չավելացրեց։ Արդեն ինքն իրեն բավական տիրած լինելով, նա ուզեց կառքից իջնել և քսակը ետ տվեց ինձ, որ կառապանի վարձը վճարեմ։ Ոսկիները քսակից անհետացել էին և միայն մանր դրամն էր մնացել։

Դոկտորների Համայնքը մտնելու համար պետք էր մի կամարակապ ցածր դռնով անցնել։ Մի քանի քայլ արած֊չարած՝ զգացինք, որ քաղաքի աղմուկը հանկարծ լռեց՝ ասես թե մի դյութական զորությամբ։ Անցանք մի քանի մութ բակերով, անձուկ ու նեղ ճամփաներով և վերջապես հասանք մր֊մր․ Սպընլոյի ու Ջորկինսի գրասենյակը, որ առաստաղից էր լույս ստանում։ Այս սրբավայրի գավթում, ուր կարելի էր առանց հնչակը շարժելու ոտք դնել, երեք֊չորս գրագիր հանգիստ նստած բան էին գրում։ Նրանցից մեկը՝ առանձին նստած մի նիհար մարդ, զենջեֆիլի գույնի կեղծամով, վերկացավ տատիս դիմավորելու և մեզ մր․ Սպընլոյի սենյակը տարավ։

― Մր․ Սպընլոն ատյանումն է, տիկին, ― ասաց նիհարը։ ― Այսօր նիստ կա կամարների տակ։[32] Կամարները շատ հեռու չեն, ես նրան իսկույն կանչել կտամ։

Մինչ կկանչեին մր․ Սպընլոյին, տատս և ես սկսեցինք դիտել նրա սենյակը։ Սենյակի կահ֊կարասին հնաձև ու փոշոտ էր։ Սեղանի կանաչ մահուդը մի խորշոմած պառավի նման արդեն գույնը գցել էր։ Վրան անթիվ թղթի ծրարներ էին դիզված՝ ինձ անհասկանալի վերնագրերով՝ «Ցուցումներ», «Ամբաստանություններ»․ Կոնսիստորի Ատյանին վերաբերող ծրարներ, Կամարների Ատյանին, մի քանիսը Արտոնյալ Ատյանին, մի քանիսը Ծովակալության Ատյանին, մի քանիսն էլ Համագումար Ատյանին։ «Այս ինչքան ատյաններ կան Դոկտորների Համայնքում, ― մտածում էի ես ապշությամբ․ ― և որքան ժամանակ է հարկավոր, որ հնար լինի այդ բոլոր գործերի հետ ծանոթանալ»։ Կային և ահագին հատորներ «Երդմամբ հաստատված վկայություններ» մակագրությամբ, ամրակազմ ստվար գրքեր, յուրաքանչյուր դատի համար առանձին, որոնցից ոմանք տասը կամ տասներկու հատոր պատմությունն էին ամփոփում։ Մտածելով, թե այդ բոլորը որքան ծախս կպահանջի, ես պրոկտրի պաշտոնի մասին մի հաճելի գաղափար կազմեցի։ Եվ մինչ շարունակում էի հետզհետե աճող զվարճությամբ այդ և ուրիշ իրերի նայել, կողքի սենյակից շտապ քայլերի ձայն լսեցի, և ահա արագ ներս մտավ, սպիտակ մորթով եզերված սև պարեգոտը հագին, մր․ Սպընլոն, որը իսկույն գլխարկը հանեց։

Մր․ Սպընլոն մի փոքրիկ խարտիշահեր ջենտլմեն էր՝ պսպղուն կոշիկներով, օսլայած սպիտակ փողպատով ու կանգուն օձիքով։ Նրա զգեստը վերից վար պինդ կոճկված էր և իրանին լավ կպած, իսկ գանգուր հուիսքրները(կիսամորուք) ցույց էին տալիս, որ վայելուչ ձև ստանալու համար շատ ժամանակ են պահանջել։ Ժամացույցի ոսկե շղթան այնքան հաստ էր, որ ակամա մտածեցի, թե դա գրպանից հանողի ձեռքն էլ այնպես ջլուտ ոսկե ձեռք պիտի լինի, ինչպիսին կախված է լինում ոսկերիչների կրպակի վրա։ Մր․ Սպընլոն այն աստիճան պինդ էր պրկված ու սեղմված, որ մեջքը հազիվ էր թեքում, և նստելուց հետո սեղանի թղթերը զննելիս ստիտված էր Պընչի նման ամբողջ մարմնով կըռանալ։

Տատս արդեն ներկայացրել էր ինձ մր․ Սպընլոյին, որ սիրով ողջունել էր ինձ։ Ալժմ նա ասաց․

― Ուրեմն, մր․ Կոպպերֆիլդ, դուք մտադիր եք մեր կոչմա՞նը նվիրվել։ Ես պատահմամբ հաղորդեցի միս Տրոտուդին, երբ պատիվ ունեցա տեսնել նրան անցյալ օրը (վերստին մարմնի խոնարհում․․․ դարձյալ Պընչ), թե մենք մի ազատ տեղ ունենք։ Այն ժամանակ միս Տրոտուդը բարեհաճեց հայտնել ինձ, թե նա ունի մի որդեգրած եղբորորդի, որին առանձին խնամք է ընծայում և որին կցանկանար մի վայելուչ գործի դնել։ Արդ կարծեմ այդ որդեգրի հետ պատիվ ունիմ խոսելոու (դարձյալ Պընչ):

Ես գլուխ տվի ու ասացի, թե արդեն լսել եմ այդ ազատ տեղի մասին և հուսով եմ, որ դա ինձ դուր կգա։ Ավելացրի, թե հակամետ եմ հավատալու, որ այդ պաշտոնը կսիրեմ, ուստի և տատիս առաջարկն անմիջապես ընդունել եմ, բայց չեմ կարող հաստատ ասել, թե սերս ո՞ր աստիճանի կհասնի, մինչև որ ավելի սերտ չծանոթանամ պաշտոնիս հետ, և թե ուրեմն մի վերջնական խոսք տալուց առաջ կցանկանայի փորձով ստուգել, արդյոք որքա՞ն այդ պաշտոնն իմ ուժերին ու ճաշակին հարմար կգա։

― Հարկավ, հարկավ, ― ասաց մր․ Սպընլոն։ ― Մենք սովորաբար մի ամիս ժամանակ ենք տալիս փորձի համար․ որը սկզբնական կամ ընծայության ամիս է կոչվում Դոկտորների Համայնքի մեջ։ Ես երջանիկ կլինեի երկու ամիս առաջարկել ձեզ․․․ երեք ամիս․․․ նույնիսկ անթիվ ամիսներ, սակայն ունեմ մի ընկեր, մր․ Ջորկինսը։

― Իսկ ապահովագինը որքա՞ն է, սըր, կարծեմ հազար ֆունտ։

― Ապահովագինը կնիքի ու դրոշմի ծախսն էլ հաշված, հազար ֆունտ է, ― պատասխանեց մր․ Սպընլոն։ ― Ինչպես որ ասել եմ միս Տրոտուդին, ես շահասիրական հաշիվներով չեմ զբաղվում․ այս տեսակետից ինձ նման մի ուրիշ մարդ հազիվ թե գտնեք, սակայն այս հարցի մասին մր․ Ջորկիսն իր առանձին կարծիքն ունի, և ես ստիպված եմ մր․ Ջորկինսի կարծիքը հարգել։ Նրա ասելով՝ հազար ստեռլինգը մեծ բան չէ։

― Ինձ թվում է, սըր, ― ասացի ես, շարունակ փափագելով ավելորդ ծախսից ազատել տատիս, ― թե ձեր Համայնքում սովոր են՝ հենց որ մի ընդունված դիպիր[33] շատ օգտակար հանդիսանա ու պաշտոնին լիովին հմտանա (ես կարմրեցի, զգալով, որ գրեթե ինքս ինձ գովում եմ), սովոր են տալ նրան մի որոշ․․․

Մր․ Սպընլոն ահագին ճիգ թափելով, իր գլուխը փողպատի միջից այնքան դուրս հանեց, որ կարողանա շարժել և առանց սպասելու «ռոճիկ» բառին, պատասխանեց․

― Ո՛չ։ Չեմ կարող ասել, մր․ Կոպպերֆիլդ, թե այդ խնդիրը ես ինքս ինչպես կվճռեի, եթե ազատ լինեի, բայց մր․ Ջորկինսն անողոք է։

Արդեն սկսել էի սարսափել այդ ահարկու Ջորկինսից։ Հետո, սակայն, համոզվեցի, որ նա մի հեզ ու բարի, լռակյաց մարդ է։ Նրա պաշտոնն էր՝ ամենևին գրասենյակում չերևալ, այլ միայն թույլ տալ, որ իր անունը միշտ հիշեն, իբրև մի անզգա, շատ անողորմ ու քարասիրտ անձի անուն։ Եթե գրագիրներից մեկն իր թոշակն ավելացնելու խնդիր հայտներ, նրան պատասխան կտային, թե այդպիսի բան լսել անգամ չի կամենա մր․ Ջորկինսը։ Եթե կլիենտներից մեկն իր պարտքը հապաղեր վճարել դատարանին, մր․ Ջորկինսը կհրամայեր, որ իսկույն վճարի, և որքան էլ դյուրազգաց մր․ Սպընլոյին այդ վճիռները դառն թվային, մր․ Ջորկինսը կհրամայեր, որ պարտապանը բանտարկվի։ Հրեշտականման մր․ Սպընլոյի ձեռքն ու սիրտը միշտ բաց կլինեն, եթե այդ դիվային մր․ Ջորկինսը չարգելեր։ Երբ ես հասակավոր մարդ դարձա, ուրիշ շատ տներ էլ տեսա, որոնք ճիշտ Սպընլոյի ու Ջորկինսի առևտրական սկզբունքներին էին հետևում։

Որոշեց, որ երբ կամենամ՝ այն օրն էլ սկսեմ փորձնական ամիսը, և եթե հարկ չկա, որ տատս մինչ այդ ամսի վերջը Լոնդոնում մնա, որովհետև պաշտոնի մեջ հաստատվելուս պայմանները կարելի կլինի և Դուվր ուղարկել՝ նրա ստորագրության համար։ Այսքան բան որոշելուց հետո մր․ Սպընլոն համաձայնեց դատարանի զանազան մասերը ցույց տալ ինձ, որպեսզի ապագա ծառայությանս ասպարեզի հետ ծանոթանամ։ Ուրախությամբ ընդունեցի այդ հրավերը, և մենք դուրս ելանք, գրասենյակում թողնելով տատիս, որ չէր համարձաակվում մեզ հետ գալ։ Եթե չեմ սխալվում, այս բոլոր պաշտոնական ատյանները, նրա կարծիքով, ուրիշ բան չէին, եթե ոչ ամեն մի րոպե պայթելու պատրաստ վառոդանոց։

Մր․ Սպընլոն ինձ մի սալահատակ բակ տարավ, որ շրջապատված էր ահագին աղյուսաշեն տներով։ Դռների վրա գրված դոկտորների անուններից հետևություն արեցի, որ Ստրիֆորթի հիշած գիտնական փաստաբանների գրասենյակներն այստեղ կլինեն։ Բակից անցնելով ձախակողմյան մեծ ու մութ դահլիճը մտանք, որ նման էր մատուռի։ Դրա դիմացի մասն պայտաձև բեմի երկու կողմը, հին ու հանգիստ թիկնաթոռների վրա բազմաթիվ կարմրազգեստ ու կեղծամակիր պարոններ էին նստած․ ահա դրանք էին վերոհիշյալ օրենսգետ դոկտորները։ Պայտաձև բեմի մեջտեղում, գրակալի սեղանի առջև, մի ալևոր ջենտելմեն էր բազմած, որին անշուշտ մի բուի տեղ կընդունեի, եթե թռչնանոցում տեսնեի։ Նա նախագահ դատավորն էր։ Պայտաձև կիսաշրջանի ներքևի մասում բեմից ներքև, բայց դահլիճի հատակից վեր, մի մեծ ու կանաչ սեղանի առջև նստած էին մր․ Սըպնլոյին աստիճանակից պարոնները՝ նրա նման սպիտակ մորթով եզերված սևագույն պարեգոտ հագած։ Բոլորի օձիքն ընդհանարպես օսլայված էր և բոլորն էլ շատ հպարտ թվացին ինձ։ Բայց փոքր֊ինչ հետո իմացա, որ սխալվել եմ, որովհետև երբ նրանցից երկուսը կամ երեքը վերկացան նախագահի հարցերին պատասխանելու, նրանց դեմքը ոչխարային հեզություն էր ցույց տալիս։ Հասարակության ներկայացուցիչները միայն երկու հոգի էին, այն է՝ վզին բրդե շալ փաթաթած մի տղա և հնոտի հագած մի պարոն, որ գրպանից թաքուն հաց հանելով ուտում էր․ երկուսն էլ վառարանի մոտ տաքանում էին։ Ատյանի թմրեցուցիչ լռությունը միայն կրակի ճարճատյունով էր ընդհատվում և դոկտորներից մեկի ձայնով, որ հանդարտ ման էր գալիս օրենքների գրադարանում և իր գիտնական ուղեևորության միջոցին մերթընդմերթ կանգ էր առնում, որ նյութ քաղի իմաստության անսպառ շտեմարանից։ Կարճ ասած՝ օրումս չէի տեսել մի այդքան հանգիստ, քնաբեր, զառամյալ հնադարյան ու ծանրամրափ ընկերություն, և զգում էի, որ դրա հետ գործ ունենալը միևնույն է, թե քնադեղ ընդունել։

Այս ապաստանի նիրհալից մթնոլորտը լիուլի վայելելուց հետո՝ մր․ Սպընլոյին հայտնեցի, թե այս անգամ տեսածս բավական է, և մենք տատիս մոտ վերադարձանք, որը իսկույն տուն տարավ ինձ։ Ա՛հ, որքան մանուկ զգացի ինձ, երբ մր֊մր․ Սպընլոյի ու Ջորկինսի գրասենյակից դուրս գալիս նկատեցի, թե գրագիրներն ինչպես են իրար մշտում ու գրչածայրով ինձ ցույց տալիս։

Հասանք Լինկոլնս֊Ինն֊Ֆիլդ առանց մի նոր արկածի, եթե չհիշեմ մեր հանդիպումը մի մրգավաճառի սայլակ քաշող էշի հետ, որը դառն մտքեր հարուցեց տատիս մեջ։ Հյուրանոց հասնելուց հետո դարձյալ ապագայիս վերաբերյալ ծրագիրների մասին երկար խոսեցինք։ Եվ որովհետև ինձ հայտնի էր, որ տատս, Լոնդոնի հրդեհներից, գողերից ու սնունդից վախենալով, մի ժամ անգամ այդ քաղաքում հանգիստ մնալ չի կարող, խնդրեցի նրան իմ մասին անհոգ լինել և թողնել, որ գործերս մենակ կարգավորեմ։

― Այո, սիրելիս, արդեն մի շաբաթ է, որ Լոնդոնում եմ, ― ասաց նա, ― և Դուվր վերադառնալու ժամանակն է։ Սակայն այստեղ մի փոքրիկ կահավորված բնակարան է վարձու տրվում, որ քեզ անշուշտ հարմար կգա։

Այս ասելով, տատս գրպանից հանեց լրագրից կտրված մի հայտարարություն, ուր ասված էր, թե Բուկինգեմ փողոցի Ադելֆիում մի կահավորված, դեպի գետը նայող պատուհաններով, զվարթ ու կոկիկ սենյակ է տրվում, որ կարող է շատ վայելուչ բնակարան լինել հատկապես դատարաններում ծառայող երիտասարդ ջենտլմենի համար։ Գինը չափավոր է․ կարելի է ամսով վարձել։

― Իմ ուզածն էլ հենց մի այդպիսի սենյակ է, տատի, ― ասացի ես, ուրախանալով, որ ջենտլմենի պես պիտի առանձին բնակվեմ։

― Ուրեմն գնանք, ― պատասխանեց տատս, անմիջապես գլխարկը դնելով, որը նոր էր հանել։ ― Գնանք տեսնենք։

Եվ գնացինք։ Ծանուցման մեջ խնդրում էին մրս․ Կրոպպին դիմել, և մենք մուտքի դռան հնչակը քաշեցինք։ Անհրաժեշտ եղավ երեք֊չորս անգամ հնչակը քաշել, մինչև որ մրս․ Կրոպպին տեսնելու պատիվն ունեցանք։ Նա մի հաստլիկ կին էր՝ կտավե շղարշազարդ հանդերձով և բրդե շրջազգեստով։

― Կարելի՞ է նայել վարձու տրվող սենյակները, ― ասաց տատս։

― Ջենտլմենի համա՞ր, ― հարցրեց մրս․ Կրոպպն ու սկսեց բանալիներ որոնել գրպանում։

― Այո՛, թոռիս համար։

― Ես ցույց կտամ ձեզ, տիկին, ճիշտ մի այդպիսի ջենտլմենին հարմար բնակարան։

Վերև բարձրացանք։

Բնակարնն ամենավերին հարկումն էր․ տատիս կարծիքով մի շատ կարևոր հանգամանք, որովհետև մոտիկ էր հրդեհից փախչելու դռանը և բաղկացած էր մի փոքրիկ կիսամութ նախասենյակից, ուր հազիվ կարելի էր բան տեսնել, մի դահլիճից ու մի ննջարանից։ Կահ֊կարասին արդեն մաշված ու գունաթափ էր, բայց ինձ համար դեռ բավական լավ․ պատուհանի տակով իրոք անցնում էր գետը։

Ես անչափ գոհ էի, և մինչ մրս․ Կրոպպն ու տատս մութ խցիկը քաշելով պայմանների մասին էին խորհրդակցում, ես մնացի դահլիճում բազմոցի վրա նստած, զվարճանալով ու փքվելով, որ այսպիսի ազնիվ բնակարանում պիտի ապրեմ։ Մի դռնփակ վեճից հետո նրանք ետ եկան, և մրս․ Կրոպպի ու տատիս կերպարանքից հաճությամբ տեսա, որ գործը հաջող է վերջացել։

― Այս կահ֊կարասին վերջին վարձվորի՞ց է մնացել, ― հարցրեց տատս։

― Այո՛, տիկին, ― ասաց մրս․ Կրոպպը։

― Ի՞նչ եղավ այդ վարձվորը։

Մրս․ Կրոպպի հազը բռնեց, և նա հազիվ կարողացավ արտասանել․

― Հիվանդացավ, տիկին․․․ ըհը՜, ըհը՜, ըհը՜, և մեռավ․․․

― Ի՜նչ։ Ինչի՞ց մեռավ։

― Խմելուց, տիկին, և ծխից, ― մտերմաբար հայտնեց մրս․ Կրոպպը։

― Ծխի՞ց։ Ի՞նչ ծուխ․ վառարանի ծխի՞ց։

― Ո՛չ, տիրուհի․ չիբուխի և սիգարի ծխից։

― Կարծեմ դա մի վարակիչ բան չէ, սիրելի Տրոտ, ― նկատեց տատս ինձ դիմելով։

― Հարկավ ոչ, ― ասացի ես։

Տատս տեսավ, որ շատ գոհ եմ բնակարանից և մեկ ամսով վարձեց, սակայն այն պայմանով, որ եթե կամենամ, ամբողջ տարին կարող եմ մնալ։ Մրս․ Կրոպպը հանձն էր առնում լվացքս հոգալ և կերակուր եփել․ մյուս պետքերս հոգացված էին, և մրս․ Կրոպպը ջերմ սրտով խոստանում էր իր հարազատ զավակի պես պահել ինձ։ Ես հետևյալ օրը պիտի գայի, և մրս․ Կրոպպն աստծուց գոհացավ, որ վերջապես գտնում է մեկին, ում կարող է իր բոլոր խնամքն ու հոգատարությունը ընծայել։

Վերադարձին տատս հաստատ հույս հայտնեց, թե նոր կյանք վարելիս ես կաշխատեմ մի ուժեղ կամք և ինքնավստահ բնավորություն ձեռք բերել ― միակ բանը, որ դեռ իմ մոտ պակասում էր։ Միևնույն հույսը կրկնելով, կրկնեց և հետևյալ օրը, երբ խորհուրդ էինք անում մր․ Ուիկֆիլդի մոտ մնացածս գրքերս ու շորերս բերելու մասին։ Այս առթիվ ես Ագնեսին մի երկար նամակ գրեցի, ուր պատմեցի նաև արձակուրդիս դեպքերը, և տատս, որ մյուս օրը Լոնդոնից մեկնելու էր, խոսք տվեց նամակս անձամբ նրան հասցնել։ Չերկարացնելու համար այսքան միայն կավելացնեմ, որ ամեն բան, ինչ որ ինձ պետք էր փորձիս ամսվա ընթացքում, տատս լիությամբ հոգաց։ Ստիրֆորթը, մեր հույսերին հակառակ, մինչև տատիս մեկնելու օրը ոչ մի անգամ չերևաց։ Վերջապես տատս ու Ջենետը միասին Դուվր գնացող դիլիժանսը նստեցին, հրճվելով իրենց մտքում այն ջարդի վրա, որ տալու էին թափառական էշերին։ Երբ որ կառքն անհետացավ, ես քայլերս դեպի Ադելֆիի թատրոնն ուղղեցի։ Հիշեցի այն օրերը, երբ շրջում էի դրա ստորերկրյա կամարների տակ։ Որքա՜ն փոփոխություն դրանից հետո, և երջանիկ փոփոխություն կյանքիս մեջ։


Դ․ գլուխ

Իմ առաջին զեղծումները


Ի՜նչ սքանչելի բան է սեփական դղյակ ունենալը․ առջին անգամ բնակարանիս դուռը իմ հետևից փակելիս ես նույնը զգացի, ինչ որ զգացել էր Ռոբինզոն Կրուզոն, երբ նա իր բերդը մտավ և սանդուղքը վերև քաշեց։ Որքա՜ն հիանալի է՝ դռան բանալին գրպանդ դրած ազատ շրջել քաղաքում և գիտենալ, որ կարող ես ում կամենաս տուն հրավիրել և դրանով ոչ ոքի նեղություն չես տա, եթե ոչ քեզ։ Որքա՜ն ցանկալի է՝ առանց որևէ մեկին բան ասելու՝ տանից դուրս գնալ երբ ուզենաս ու վերադառնալ և զանգակի մեկ հարվածով գետնի խորքից դուրս կանչել մրս․ Կրոպպին, որ շնչասպառ վերև է գալիս, երբ քեզ հարկավոր է․․․ և կամ երբ ինքը բարեհաճի երևալ։ Այս բոլորն անտարակույս շատ լավ էր, բայց երբեմն տխուր ժամեր էլ էին լինում։

Առավոտները ես ուրախ էի, մանավանդ պայծառ եղանակին։ Արեգակի ճառագայթներն առույգ ու թարմ կյանք էին սփռում բնության մեջ, որը կեսօրին է՛լ ավելի էր խայտում, սակայն իրիկնադեմին կյանքը կարծես հրապույրը կորցնում էր։ Ճրագի լույսի տակ զվարթությունս կորչում էր․ փափագում էի մի խոսակից ունենալ։ Կարոտում էի Ագնեսին, և նրա սրտակից մտերմության փոխարեն՝ մի ահռելի ամայություն գտնում իմ շուրջը։ Մրս․ Կրոպպը մղոններով հեռու էր ինձնից։ Մտածում էի նախորդիս մասին, որը մեռել էր հարբելուց ու ծխելուց․ լավ է ապրեր, քան իր մահով շփոթեր ինձ։

Երկու օր, երկու գիշեր անցնելուց հետո ինձ թվում էր, թե արդեն մի տարի եմ ապրել մենարանիս մեջ, և սակայն չարաչար զգում էի, որ մի ժամով անգամ չեմ ծերացել ու դարձյալ նույն երեխան եմ։

Ստիրֆորթը դեռ չէր երևում։ Գուցե հիվանդ էր։ Այսպես կարծելով, երրորդ օրը վաղ դուրս եկա Դոկտորների Համայնքից և որոշեցի Հայգեթ գնալ։ Մրս․ Ստիրֆորթը շատ ուրախացավ ինձ տեսնելով և ասաց, թե իր որդին մի օքսվորդցի ընկերոջ հետ գնացել է մի ուրիշ ընկերոջ այցելելու, որ Սենտ Էլբենսի թաղում է բնակվում, և հետևայլ օրը կգա։ Ստիրֆորթին այնքան էի սիրում, որ նախանձի նման բան զգացի դեպի նրա օքսֆորդցի ընկերը։

Տիկինը հրավիրեց ինձ ճաշի մնալ։ Մնացի, և որքան հիշում եմ՝ մեր ամբողջ օրվա խոսակցության առարկան միայն իր որդին էր։ Ես պատմեցի, թե Յարմաութում որքա՜ն նրան սիրեցին և որքա՜ն ես շնորհակալ եմ, որ նա ինձ ուղեկցում էր։ Միս Դարտլն ուշադիր ականջ էր դնում և իր խորհրդավոր ակնարկներով ու հարցումներով անդադար մեզ խանգարում էր։ Նա իր «Մի՞թե․․․ իրա՞վ․․․ իրա՞վ եք ասում» խոսքերը այնքան կրկնեց, որ ամեն բան, ինչ ուզում էր իմանալ, դուրս քաշեց ինձնից։ Նրա կերպարանքն ու ձևերը նույն էին մնացել, ինչպես էին առաջին անգամ նրան տեսնելիս, սակայն երկու կանանց ընկերությունը ինձ այնքան ախորժելի էր, որ ես գրեթե սիրո նման մի բան զգացի դեպի օրիորդը։ Երեկոյան, և մանավանդ երբ տուն էի գնում, մի քանի անգամ ինքս ինձ ասացի, թե չէի ձանձրանա Բուկինգեմի փողոցում, եթե նա հետս լիներ։

Առավոտյան, երբ Համայնքը գնալուցս առաջ սուրճ էի խմում (կարծեմ ժամանակ է զարմանալով հիշելու այստեղ, թե մրս․ Կրոպպն իմ հաշվին որքա՜ն սուրճ էր առնում մի ջրալի ու անհամ խմիչք տալու համար), հանկարծ, ի մեծ ուրախություն իմ, Ստիրֆորթը ներս մտավ։

― Սիրելի Ստիրֆորթ, ― գոչեցի ես։ ― Ո՞ւր էիր կորել։ Կարծում էի, թե էլ եբեք քեզ չեմ տեսնի։

― Հենց տուն վերադառնալուս երկրորդ օրը գրեթե բռնի առան տարան ինձ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Սակայն, Դեյզի, այս ինչ ամուրիի կարգ ու սարք եմ տեսնում այստեղ։

Ես բնակարանս էլ, շտեմարանիս մութ խցիկն էլ պարծենալով ցույց տվի նրան, և նա շատ հավանեց։

― Սակայն գիտե՞ս, ա՛յ ծեր տղա, ― ասաց նա։ ― Ես կցանկանայի միշտ այստեղ իջնել՝ Լոնդոն գալիս, մինչև որ ինձ դուրս չանես։

Այդ լսելով՝ ես հրճվեցի ու ասացի, թե նրան հավիտյան պետք կլինի սպասել, մինչև ես նրան դուրս անեմ։

― Բայց եկ մի փոքր նախաճաշ անենք, ― ավելացրի ես, ձեռքս հնչակին մեկնելով։ ― Մրս․ Կրոպպը սուրճ կպատրաստի, իսկ ես մի քանի շերտ ճարպ կտապակեմ հոլանդական վառարանի վրա։

― Ո՛չ, ո՛չ, ― ասաց Ստիրֆորթը, ― ձեռք մի՛ տուր հնչակին։ Ես խոստացել եմ նախաճաշել իմ բարեկամի հետ, որ սպասում է ինձ Կովընտ Գարտնի Piazza Hotet֊ում։

― Ուրեմն գոնե ճաշի եկ։

― Հավատա, այդ էլ չեմ կարող։ Սիրով կգայի, բայց անկարելի է։ Պարտավոր եմ մնալ այն երկու ընկերներիս մոտ, վաղն առավոտ երեքս միասին մեկնելու ենք։

― Ուրեմն նրանց էլ ճաշին այստեղ բեր։ Գուցե նրանք չուզենա՞ն գալ։

― Ամենայն ուրախությամբ կուզենան, ― պատասխանեց Ստիրֆորթը, ― միայն թե քեզ զուր նեղություն տված կլինենք։ Լավ է, Դեյզի, դո՛ւ եկ մեզ հետ ճաշելու։

Լսել անգամ չուզեցի․ ես մտադիր էի մի լավ տոնել նոր բնակարան վարձելս, որի համար գեղեցիկ առիթ էր ներկայանում։ Սենյակներիս մասին Ստիրֆորթի արած գովասանքից հետո փափագում էի սեղանիս լիությունն էլ ցույց տալ նրան․ այս պատճառով դրական խոսք առա նրանից, որ երեկոյան ժամը վեցին նա իր երկու բարեկամների հետ ինձ մոտ կգա ճաշելու։

Ստիրֆորթի հեռանալուն պես՝ մրս․ Կրոպպին կանչեցի և նրան համարձակ դիտավորությունս հայտնեցի։ Մրս․ Կրոպպն ասաց․ նախ՝ ինքը հայտնի բան է, անկարող կլինի մեր սեղանին սպասավորել, բայց ճանաչում է մի ճարպիկ երիտասարդի, որ գուցե կհամաձայնի հինգ շիլինգ վարձատրությամբ ու մի փոքրիկ պարգևով ծառայել։ Պատասխանեցի, թե անհրաժեշտ է կանչել նրան։ Երկրորդ՝ մրս․ Կրոպպը այսաց, թե պարզ է, որ ինքը չի կարող միանգամից երկու տեղ գտնվել (այս էլ բնական թվաց ինձ), և թե ուրեմն պետք է մառանը լուսավորել և այնտեղ մի աղջիկ կանգնեցնել, որ ամանները լվանա։ Հարցրի, թե որքա՞ն է պետք այդ աղջկան վճարելու համար։ Մրս․ Կրոպպի ասելով՝ տասնութ պենս վճարելուց քսակս հարկավ չի դատարկվի։ Իհարկե՝ ոչ․ հետևաբար այս խնդիրն էլ լուծվեց։ Այնուհետև մրս․ Կրոպպմ ասաց․

― Այժմ բուն ճաշին գանք։

Մրս․ Կրոպպի խոհանոցի փուռը շինող վարպետը չափազանց անհեռատես մարդ է եղել, որովհետև այդ փռում ուրիշ ոչինչ չէր կարելի տապակել, բացի կոտլետից ու կարտոֆիլից։

― Իսկ ձուկ խաշելու պղնձին գալով, ― ասաց մրս․ Կրոպպը, ― ինքներդ եկեք տեսեք՝ կա՞ թե չկա։

Քանի որ խոհանոցի գործերից ոչ մի հասկացողություն չունեի, ներքև իջնելս էլ ավելորդ էր․ ես ի՞նչ կարող էի տեսնել։ Ուստի և ասացի․

― Դե ուրեմն ձուկը թողնենք։

― Բայց ինչո՞ւ ձկան տեղ ոստրե չլինի, ― ասաց մրս․ Կրոպպը, և որոշեցինք ոստրեներ գնել։

Ապա մրս․ Կրոպպն առաջարկեց ճաշը հետևյալ տեսակներից կազմել․ մի զույգ տապակած հավ՝ պատրաստի կերակուրներ վաճառող կրպակից․ մի պնակ բիֆստեկ ու կանաչի՝ նույն կրպակից․ գիրացրած խոճկորի պես մի թեթև բան ու մի պնակ երիկամունք՝ նույն կրպակից․ մի կարկանդակ, և եթե կամենամ՝ մի բանդակ․․․ դարձյալ միևնույն կրպակից։

― Դա ինձ հնարավորություն կտա, ― ասաց մրս․ Կրոպպը, ― ամբողջ ուշադրությունս կարտոֆիլի վրա դարձնել, իսկ պանիրն ու թթուն ես ինքս կհոգամ։

Մրս․ Կրոպպի առաջարկության համաձայն՝ ես ինքս կրպակում պատվերներ տվի։ Այնուհետև Ստրենդով անցնելիս՝ մսագործի խանութում մարմարի նման մի երկար ու կոշտ զանգված նշմարեցի «Կեզծ կրիա» մակագրով։ Ներս մտա և այդ զանգվածից մի կտոր գնեցի, որ ինչպես հետո առիթ ունեցա ստուգելու՝ տասնհինգ մարդու կբավականացներ։ Մրս․ Կրոպպը երկար֊բարակ նազերով հանձն առավ կրիան եփել, բայց երբ որ դա սեղանի վրա դրեց, Ստիրֆորթն ասաց, որ չորս հոգու էլ չի բավի։

Այս բոլորը հաջողությամբ հոգալուց հետո մրգեղեն գնեցի Կովընտ Գարդնի շուկայում և բավական շատ գինի պատվիրեցի գինեվաճառին։ Երեկոյան դեմ մառանիս հատակի վրա արդեն այնքան շշեր կային, որ (թեև երկու շիշ պակասում էր ի մեծ զայրույթ մրս․ Կրոպպի) վրաս մի տեսակ սարսափ եկավ նրանց նայելիս։

Ստիրֆորթի ընկերներից մեկի անունը Գրենջր էր, մյուսինը՝ Մարկհըմ։ Երկուսն էլ կայտառ ու զվարթ տղաներ էին։ Գրեջրը Ստիրֆորթից մի քիչ մեծ էր․ Մարկհըմն ավելի ջահել էր երևում և հազիվ քսան տարեկան կլիներ։ Նկատեցի, որ իր մասին խոսելիս՝ նա փոխանակ եզակիի առաջին դեմքը գործածելու, միշտ անորոշ մարդ դերանունն էր օգտագործում։

― Այստեղ մարդ կարող էր լավ ապրել, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց Մալկհըմը, իր մասին ակնարկելով։

― Այո, դիրքը վատ չէ, ― պատասխանեցի ես, ― սենյակներն էլ հարմար են։

― Հուսամ, որ ախորժակներդ տանը չեք մոռացել, ― ասաց Ստիրֆորթն ընկերներին։

― Իրավ՝ որ Լոնդոնը մարդուս ախորժակը գրգռում է, ― ասաց Մարկհըմը։ ― Ամբողջ օրը մարդ սոված է և միշտ պատրաստ է ուտելու։

Երբ որ ճաշը մատուցեցին, ես տեսնելով որ հյուրերիս առջև ջահել եմ, և սեղանապետ լինել չեմ կարող, Ստիրֆորթին խնդրեցի, որ առաջին տեղը նա բռնի, իսկ ինքս նրա դեմ նստեցի։ Ամեն բան շատ լավ էր․ գինին առատ, և Ստիրֆորթը այնպես զվարթ էր, որ մեր ճաշը հենց սկզբից մի խնջույքի բնույթ ստացավ։ Բայց ես այնքան հյուրամեծար տանտեր չէի, ինչքան որ կցանկանայի լինել։ Իմ աթոռը դռան հանդեպ էր, և ճարպիկ սպասավորն ուշադրությունս շեղում էր․ նա անդադար հեռանում էր սենյակից, և հեռանալուն պես՝ նախասենյակի պատի վրա նրա ստվերն էր աչքիս ընկնում՝ բերանին դրած գինու շշով։ Աղջիկն էլ ինձ հանգստություն չէր տալիս, ոչ թե նրա համար, որ ամանները վատ էր լվանում, այլ որովհետև չարաչար կոտրտում էր։ Իբրև անչափ հետաքրքրասեր և մառանում մնալու համբերություն չունեցող աղջիկ, թեև նրան հրամայված էր այնտեղ մնալ, նա շարունակ ներս էր նայում և ամեն անգամ կարծելով, թե մենք իրեն նշմարեցինք, ետ էր ցատկում ու ցատկելիս հատակի վրայի ամանները ջարթոտում։ Երևակայեցեք, թե այդ հապճեպ ցատկումներից ինչքան վնաս էր գալիս։

Սակայն այդ վնասները ես մոռացա, երբ սփռոցը հավաքեցին ու մրգեղեն դրին սեղանի վրա։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ ճարպիկ սպասավորի լեզուն բոլորովին բռնեվել է։ Ես նրան ծածուկ հրամայեցի մրս․ Կրոպպին ընկերանալ, աղջկան էլ՝ տան ստորին սահմանները տանել․ դրանից հետո միայն կարելի եղավ մեր քեֆն անարգել վայելել։

Մի տարօրինակ զվարթություն տիրեց սրտիս․ մտքիս մեջ անթիվ դեպքեր ու հիշատակներ արթնացան, և ես սկսեցի անչափ արագ բարբաջել։ Մե՛կ ուրիշների և իմ կատակների վրա էի ծիծաղում, մե՛կ Ստիրֆորթին գինի լցնել հրամայում, մե՛կ խոստանում Օքսվորդ գնալ, մե՛կ խոսք տալիս ամեն շաբաթ ճիշտ այսպիսի խնջույք սարքել։ Ի վերջո, Գրենջրի տուփից մի այնպիսի պտղունձ քթախոտ քաշեցի, որ ստիպված եղա մառան գնալ ազատ փռշտալու համար․ փռշտոցն առնվազն տասը րոպե տևեց։

Այնուհետև սկսեցի շտապ֊շտապ գինի լցնել և նոր֊նոր շշեր ներս բերել, առաջ՝ քան սեղանի վրա եղածները դատարկեին։ Ես Ստիրֆորթի կենացն առաջարկեցի։ Ասացի, թե նա իմ ամենամոտ բարեկամն է, մանկությանս հովանավորը, երիտասարդությանս ընկերը։ Ասացի, թե երջանիկ եմ, որ կարող եմ նրա կենաց բաժակը դատարկել։ Ասացի, թե ես նրան մինչև կայնքիս վերջին շունչը երախտապարտ պիտի մնամ և անզոր եմ արտահայտել իմ հիացմունքը դեպի նա։ Եվ խոսքս վերջացրեցի գոչելով․

― Կեցցե՛ Ստիրֆորթը։ Աստված նրան երկար պահի։ Հուռռա՜։

Երեք անգամ եռյակ ուռռա գոռացինք, հետո դարձյալ մի անգամ, էլի՛ մի անգամ, էլի՛ մի անգամ։ Հետո ոտքի կանգնելով իմ բաժակը փշրեցի, նրա աջը սեղմեցի և ասացի (երկու բառով)․

― Ստիրֆորթ, դու իմ կյանքի առաջնորդ աստղն ես։

Այս որ ասացի, հանկարծ ականջիս մի երգ հնչեց։ Երգողը Մարկհըմն էր․ նա երգում էր․


«Երբ մեր սիրտը տրտմալից

Ազատվում է վշտերից․․․»։


Ավարտելուց հետո, նա առաջարկեց մի բաժակ էլ «կնոջ» կենացը դատարկել։ Ես ընդդիմացա և չուզեցի այդ առաջարկն ընդունել։ Դա անպարկեշտ, անվայել ձև է, ասացի ես։ Եթե կամենում եք իմ տանը իգական սեռի կենացը խմել, թույլ կտամ միայն «տիկինների» կենացը խմել։ Ես սաստիկ տաքացա մանավանդ այն պատճառով, որ Ստիրֆորթն ու Գրենջրը կարծես իմ վրա ծիծաղում էին․․․ կամ նրա վրա․․․ թե երկուսիս վրա, չգիտեմ։ Մարկհըմն ասաց, թե ոչ ոք մարդուս հրամայելու իրավունք չունի։ Իսկ ես պնդում էի, թե ունի։ Նա նկատեց, թե պետք չի մարդու վիրավորել, ես պատասխանեցի, թե համաձայն եմ և չեմ կամենա, որ իմ նվիրական հարկի տակ, ուր հյուրասիրության օրենքն է տիրում, մի մարդ մյուսին վիրավորի։ Նա ասաց, թե մարդուս պատիվը չի ընկնի, եթե խոստովանի, որ ես մի լավ տղա եմ։ Եվ ես իսկույն նրա կենացը առաջարկեցի։

Հյուրերից մեկն սկսեց ծխել։ Բոլորն էլ սկսեցին ծխել։ Ես էլ, սարսուռս զսպելով ծխեցի։ Ստիրֆորթն ի պատիվ ինձ, մի ճառ արտասանեց։ Սիրտս հուզվեց, և աչքերս արցունքոտվեցին։ Ես շնորհակալ եղա և հույս հայտնեցի, թե ներկա ընկերությունը վաղն էլ ինձ մոտ ճաշելու շնորհ կանի, մյուս օրն էլ, ամեն օր էլ․․․ ժամը հինգին, որպեսզի երեկոները միասին անցկացնենք ընկերաբար։ Հանկարծ զգացի, որ անհրաժեշտ է մի առանձին բաժակ առաջարկել, և գոչեցի․ «Տատիս կենացը, միս Բեթսի Տրոտուդի, որ աշխարհիս կանանց զարդն ու փայլն է»։

Մեզնից մեկն իր հրատապ ճակատը զովացնելու ու մաքուր օդ շնչելու համար ննջարանիս սառը պատուհանին հենվեց։ Այդ ես էի։ Եվ ես ասում էի ինքս ինձ․ ― «Ինչո՞ւ ծխեցիր, Կոպպերֆիլդ․ միթե չգիտեի՞ր, որ ծխելը վնասակար է»։ Մեկն անհանգիստ քայլեր անելով գնաց կանգնեց հայելու առջև։ Այդ էլ ես էի։ Հայելու մեջ դեմքս գունատ էր, աչքերս շաղված ու պղտոր, իսկ մազերս ― միայն մազերս, ուրիշ բան չասեմ ― բավական էին ցույց տալու, որ ես․․․ հարբած եմ։

Մեկն ինձ ասաց․ «Եկ, թատրոն գնանք, Կոպպերֆիլդ»։ Ննջարանս կորել էր, հայելին անհետացել․ դրանց փոխարեն մնացել էին մի երերուն սեղան, հնչող բաժակներ և մի լամպ, աջ կողմս՝ Գրենջրը, ձախ կողմս՝ Մարկհըմն և դիմացս՝ Ստիտֆորթը ― բոլորն էլ մեգի մեջ էին նստած․․․ բավական հեռու։

― Թատրո՞ն․ ինչո՞ւ չէ։ Գնանք թատրոն։ Բայց կներեք, ես պիտի վերջինը դուրս գնամ, ― և այս ասելով լամպը հանգցրի․․․ որպեսզի հրդեհ չպատահի։

Մթությունից առաջ եկած շփոթության մեջ դուռը կորավ։ Ես փնտրում էի նրան պատուհանիս վարագույրի ծալքերում։ Ստիրֆորթը ծիծաղելով ձեռքիցս բռնեց ու դուրս տարավ ինձ։ Սկսեցինք իջնել իրար հետևից։ Սանդուղքի ստորին աստիճանների վրա մեկն ընկավ ու ներքև գլորվեց։ Չգիտեմ ով ասաց, թե ընկնողը Դավիթ Կոպպերֆիլդն է։ Այս բամբասանքի վրա սաստիկ զայրացա և պատրաստ էի հատուցում պահանջել ստախոսից, եթե չզգայի, որ իրոք փռված եմ շեմքի մոտ։ Ուրեմն վերոհիշյալ նկատողությունն անհիմն չէր։

Այդ գիշեր Լոնդոնն անչափ միգապատ էր, և լապտերների շուրջը ահագին շրջանակներ էին երևում։ Ասացին, թե անձրև է գալիս․ իսկ ես զգում էի, որ ցրտում է։ Մի լապտերի տակ Ստիրֆորթը վերարկուս թափ տվեց և գլխարկս հագցրեց, որ չգիտեմ որտեղի՞ց և ո՞վ բերեց, որովհետև լավ էի հիշում, որ նա առաջ գլխիս չէր։ Այնուհետև Ստիրֆորթն ասաց․

― Ինչպե՞ս ես այժմ, Կոպպերֆիլդ․ ամեն բան կարգին է, չէ՞։

Եվ ես պատասխանեցի․

― Կը֊կ֊կ֊կ֊արգին։

Մշուշապատ վանդակում նստած մի պարոն ինչ֊որ մեկից փողը վերցրեց և խորշի անցքից վրաս նայելով, հարցրեց՝ մի՞թե ինձ համար էլ վճարված է։ Նա կարծես վարանում էր (որքան կարողանում եմ մտաբերել այդ թռուցիկ վայրկյանը), ինձ էլ արդյոք տոմսակ տա՞ թե չտա։ Շատ չանցած արդեն թատրոնի խեղդուկ վերնատանն ենք․ բարձրունքից ծխաշունչ վիհին նայելով, ուր մի անորոշ բազմություն էր խռնված։ Դիմացս մի լայն բեմ էր՝ փողոցից ավելի հարթ ու կոկ․ ման են գալիս զանազան մարդիկ, մի ինչ֊որ բան խոսելով, բայց ոչ շատ պարզ։ Լույսը պայծառ է, մոմերն՝ անթիվ, երաժշտությունը՝ որոտաձայն։ Տիկնայք էլ կան և էլ չգիտեմ ովքեր, ինչեր։ Ամբողջ շինությունը երերում է ու լողում, մանավանդ երբ ճգնում եմ տարօրինակ ճոճումներն ըմբռնել։

Մեկի առաջարկությամբ որոշեցինք դահլիճի առաջին հարկն իջնել, ուր տիկնայք էին հավաքվում։ Մի լավ հագնված ջենտլմեն՝ սղոցը ձեռքին, բազմոցի վրա թեք ընկած երևաց ինձ հայելու մեջ, ուր ես իմ ամբողջ պատկերն էլ նշմարեցի։ Հետո ինձ մի օթյակ տարան, ուր նստելով սկսեցի խոսել մեկի հետ։ Չորս կողմ մարդիկ «Լռություն» գոչեցին՝ չգիտեմ, թե ո՞ւմ․ տիկնայք վրաս ծուռ֊ծուռ նայեցին, և․․․ ի՞նչ, ի՞նչ եմ տեսնում ― միևնույն օթյակի մեջ առջևս Ագնեսն է նստած, հետն էլ մի անծանոթ տիկին և մի պարոն։ Տեսնում եմ նրա դեմքը, այժմ հարկավ ավելի լավ, քան թե այն րոպեին․ նա անասելի վշտակցությամբ և ապշությամբ է նայում ինձ։

― Ագնե՜ս, ― ասացի ես կակազելով։ ― Երկնային հրեշտակ, Ագնե՜ս։

― Սուս, աղաչում եմ՝ լռեցեք, ― պատասխանեց նա, բայց ինչո՞ւ, չհասկացա։ ― Դուք խանգարում եք մեր հարևաններին։ Լավ է՝ բեմին նայեք։

Նրա պատվերին համեմատ աչքերս ուշի֊ուշով բեմին հառեցի որևէ բան հասկանալու համար, բայց իզուր։ Հետո նորից նայեցի Ագնեսին․ նա օթյակի խորքն էր քաշվել ու ճակատը ձեռքով ծածկել։

― Ագնես, ― ասացի ես, ― հիվանդ հո չե՞ք։

― Այո՛, այո՛, Տրոտուդ, ուշք մի՛ դարձրեք վրաս, ― պատասխանեց նա։ ― Շուտո՞վ տուն կերթաք։

― Շուտով տուն կերթամ, ― կրկնեցի ես։

― Այո՛։

Հիմարաբար ուզում էի ասել, թե մտադիր եմ նրան սպասել և տուն տանել։ Կարծեմ մի այդպիսի բան դուրս տվի, որովհետև Ագնեսը երեսիս նայելուն պես միտքս հասկացավ ու կամացուկ ասաց․

― Գիտեմ, Տրոտուդ, որ ինձ կլսեք։ Լուրջ բան եմ ասում ձեզ։ Այս րոպեիս հեռացեք, գեթ իմ սիրուն, և ընկերներիդ խնդրեցեք, որ ձեզ իսկույն տուն տանեն։

Նրա ներկայությունն արդեն այնքան էր ազդել վրաս, որ չնայելով բարկությանս, ես սաստիկ ամաչեցի, վերկացա, գլուխ տվի նրան ու ասացի․

― Բարի՜շր։

Այսինքն՝ բարի գիշեր։ Հետո օթյակից ելա և մի ակնթարթում ինձ ննջարանի մեջ գտա։ Ինչպե՞ս եղավ այդ, հայտնի չէ։ Ստիրֆորթն ինձ օգնում էր հանվել, իսկ ես նրան ասում էի, թե Ագնեսը քույրս է, և միևնույն ժամանակ աղաչում խցանահանը բերել մի նոր շիշ բանալու համար։

Մեկը պառկած է անկողնումս և ամբողջ գիշեր մի տենդային երազի մեջ միևնույն բաները շարունակ կրկնում ու բարբաջում է, մի ալեծուփ ծովի նման տատանվելով, որը բնավ չէր ուզում խաղաղվել։ Այս մեկը քիչ֊քիչ ուշքի է գալիս, և այն ժամանակ ես զգում եմ, որ ներսս այրվում է, որ կոկորդս ցամաքել է, կաշիս տախտակի պես չորացել, լեզուս հրաշեկ երկաթի նման կարմրել և ափերս տաքացած թիթեղ դարձել, որ սառցով անգամ չէր կարելի զովացնել։

Օ՜հ, ի՜նչ տագնապ, ի՜նչ ամոթ և ի՜նչ կսկիծ զգացի ես առավոտյան զարթնելիս։ Սարսափելով մտածում էի, թե ո՞վ գիտի՝ երեկ ինչ հիմարություններ արած կլինեմ, որ ո՛չ մտաբերել կարող էի, ո՛չ էլ քավել։ Հապա Ագնեսի անջնջելի հայա՜ցքը։ Ի՞նչ կմտածեր նա իմ մասին։ Չէր կարելի մինչև անգամ տեսնել նրան և ներում խնդրել, որովհետև ― օ՜հ, անասնական տխմարություն ― չէի էլ իմանում, թե ինչո՞ւ էր Լոնդոն եկել և հատկապես որտեղ իջել։ Այս բոլորը չարաչար տանջում էր ինձ։ Զզվում էի իմ սենյակից, ուր տեղ էր գտել շվայտությունը։ Ծխի հոտը, շշերի տեսքը, փշրված բաժակների պատկերը ― ի՜նչ գարշելի բան էր։ Գլուխս ցավից պայթում էր և չէի կարողանում ո՛չ վերկենալ, ո՛չ դուրս գնալ՝ օդ շնչել։

Զարհուրելի էր այդ օրվա երեկոն։ Մտքովս անցավ, թե ե՛ս էլ սենյակիս նախկին բնակչի շավիղով եմ գնում, ե՛ս էլ նրա պես թշվառ վախճան պիտի գտնեմ։ Պատրաստ էի Դուվր թռչել և ամեն բան տատիս պատմել։ Եվ երբ մրս․ Կրոպպը ներս մտավ, մի պնակ երիկամունք ու թթու վարունգ բերելով, և հայտնեց, թե երեկվա քեֆից միայն այդ է մնացել, ուզում էի նրա վզովը փարվել ու գոչել․ «Օ՜հ, մրս․ Կրոպպ, մրս․ Կրոպպ, ձեր վարունգն ու երիկամունքը ինչի՞ս են պետք։ Ինչո՞ւ եք հիշեցնում ինձ մեր երեկվա շվայտության մնացորդը։ Օ՜հ, ես անչափ թշվառ եմ»։ Սակայն չնայելով հուսահատական վիճակիս, ես նույն րոպեին զսպեցի ինձ, որովհետև մրս․ Կրոպպը այնպիսի կին չէր, որի հետ կարելի լիներ սրտաբաց խոսել․ ուստի ճառս էլ չասված մնաց։


Ե․ գլուխ

Բարի և չար հրեշտակներ


Մի ամբողջ օր գլխացավ, ստրջանք ու նողկանք զգալուց հետո, նույնիսկ առանց մտաբերելու ողբալի ճաշկերույթի ամսաթիվը, որ կարծես թե հսկայական տիտանների մի ահագին լծակով դեպի հեռավոր անցյալն էր տարվել, հետևյալ առավոտյան, մինչ ուզում էի դուրս գնալ, մի մարդ տեսա, որ ձեռքին մի տոմսակ բռնած՝ աստիճաններով բարձրանում էր։ Նա ամենևին չէր շտապում, սակայն հենց որ նշմարեց, թե ես նայում եմ իրեն սանդուղքի գլխից, քայլերը արագացրեց և շնչասպառ մոտեցավ ինձ, իբր թե վազելով եկած լիներ։

― Տ․ Կոպպերֆիլդ, Էսքուայր,[34] ― ասաց գրաբերը, ձեռքը գլխարկին տանելով։

Ես չվստահացա ինձ վերագրել այդ պատվանունը․ այն աստիճան շփոթվել էի, ենթադրելով, թե նամակն Ագնեսից է։ Բայց և այնպես մարդուն ասացի, թե Տ․ Կոպպերֆիլդ Էսքուայրը ես եմ․ նա նամակն իսկույն ինձ տվեց և ասաց, թե խնդրել են պատասխանել։ Ես նրան սանդուղքի վրա թողի՝ պատասխանին սպասելու, և ներս մտա։ Սիրտս այնպես արագ էր խփում, որ նամակի ծրարը դեռ չբացած՝ սեղանիս վրա դրի, որ փոքր֊ինչ հանգստանամ, հասցեի հետ ծանոթանամ․ դրանից հետո միայն կնիքը կոտրեցի։

Դա մի հիանալի մտերմական նամակ էր, որի մեջ թեթև ակնարկ էլ չկար այն մասին, թե ինչպես էի վարվել թատրոնում։ Ահա ամբողջ բովանդակությունը․ «Սիրելի Տրոտուդ։ Ես հորս գործակալ մր․ Ուատր֊բրուկի տանն եմ իջել՝ Էլիի հրապարակ, Հոլբորն։ Չէ՞իք կամենա ինձ տեսնել։ Երբ ել ժամադրեք, կսպասեմ ձեզ։ Միշտ ձեզ անձնվեր՝ Ագնես»։

Մի վայելուչ պատասխան գրելու համար, այնքան ժամանակ գործ դրի, որ չգիտեմ նամակաբերն ի՞նչ մտածեց․ ո՞վ գիտի կարծեց, թե ես նոր եմ գրել սովորում։ Առնվազն հինգ֊վեց թերթ մրոտեցի մեկը մյուսի հետևից։ Մեկն այսպես էր սկսվում․ «Սիրելի Ագնես, արդյոք հուսա՞մ, որ կհաջողվի ինձ ձեր մտքից ջնջել այն զզվանքը․․․» Այս սկիզբը դուր չեկավ ինձ, և թերթիկը պատռեցի։ Նորը սկսեցի․ «Արդեն Շեքսպիրն ասել է, սիրելի Ագնես, թե մարդու առաջին թշնամին իր լեզուն է․․․» Այս մարդը Մարկհըմին հիշեցրեց ինձ, և գրիչս առաջ չգնաց։ Հետո փորձեցի ոտանավոր գրել։ Առաջին տողը այսպես էր․

«Օ՜հ, սպասում եմ անհամբեր․․․»։

Սակայն երկրորդ տողը միշտ վերջանում էր՝ նոյեմբեր կամ դեկտեմբեր, որը անճոռնի էր դուրս գալիս․․․ և երկար ջանքերից հետո՝ վերջապես հետևյալը գրեցի արձակ ոճով․ «Սիրելի Ագնես։ Ձեր տոմսակը ձեր հոգու պատկերն է։ Սրանից ավել ի՞նչ գավասանք տամ նրան։ Կլինեմ ձեզ մոտ ժամը չորսին։ Ձեզ անձնվեր, վշտագին Տ․ Կ․»։

Գրաբերը հեռացավ այս նամակով, որին պատրաստ էի քսան անգամ հետ կանչել մեկ ուրիշը գրելու համար, բայց արդեն ուշ էր։

Եթե Դոկտորների համայնքի օրենսգետ անդամներից մեկը գեթ կիսով չափ այն հոգեկան տագնապը կրեր, որը ես այդ սոսկալի օրը կրեցի, անշուշտ նա իր մեղքերից շատը կքավեր։ Թեև ես երեքուկեսին դատարանից հեռացա և հինգ րոպեից հետո գտնվում էի մր․ Ուատրբրուկի տան մոտ, բայց որոշված ժամից արդեն մի քառորդ անցել էր, երբ համարձակվեցի դռան զանգը հնչեցնել։

Մր․ Ուատրբրուկի հաստատության ընթացիկ գործերը տան ներքևի հարկում էին կատարվում, իսկ նուրբ գործերը, վերևում։ Ինձ հրավիրեցին մի կոկիկ, բայց անձուկ դահլիճ։ Ագնեսը այնտեղ էր նստած և մի քսակ էր հյուսում։

Այդ բարեսիրտ ու հեզ էակին տեսնելուն պես՝ Կենտրբըրիում անցկացրած աշակերտությանս անմեղ օրերը հիշեցի, հիշեցի և թատրոնում լկտիություն անող հարբած ու տխմար երիտասարդին, և այնպիսի ամոթ, այնպիսի զղջում ու ստրջանք զգացի, որ սկսեցի երեխայական բաներ անել։ Չեմ ուրանում, լաց էլ եղա։ Արդյոք լա՞վ էր, որ այդպես արի, թե դա մի ծիծաղելի բան էր՝ մինչև այսօր էլ չգիտեմ։

― Եթե, Ագնես, այն դրության մեջ ինձ տեսնողը դո՛ւք չլինեիք, այլ մի ուրիշ մարդ, ― ասացի ես, դեմքս շուռ տալով, ― այսքան չէի մորմոքվի։ Բայց որովհետև հատկապես դո՛ւք տեսաք, լավ էր որ իսկույն մեռնեի։

Նա իր աջը թևիս դրեց․․․ այդ հպումի մեջ մի բարերար զորություն կար․ վիշտս փարատվեց, սիրտս զվարթացավ, և ես նրա աջը ջերմ շնորհակալությամբ համբուրեցի։

― Նստեցեք, Տրոտուդ, ― ասաց Ագնեսը մտերմաբար, ― և մի՛ տրտմեք։ Եթե ինձ հավատարմություն չընծայեք, էլ ո՞ւմ պիտի հավատաք և ո՞ւմ առջև ձեր սիրտը բանաք։

― Ա՜հ, Ագնես, ― գոչեցի ես։ ― Դուք իմ բարի հրեշտակն եք։

Նա գլուխը շարժեց և կարծեմ տխրությամբ ժպտաց։

― Այո՛, Ագնես, իմ բարի՜ Ագնես։ Դուք միշտ իմ պահապան հրեշտակն եք եղել։

― Այդպե՞ս է, Տրոտուդ, թե այդպես չէ, ― պատասխանեց նա, ― բայց կցանկանայի մի բանից զգուշացնել ձեզ․․․

Ես նայեցի նրա երեսին և գրեթե հասկացա, թե ինչ է ուզում ասել։

― Զգուշացնել ձեզ չար դևից, ― ասաց Ագնեսը, աչքերիս նայելով։

― Սիրելի Ագնես, միթե Ստիրֆորթի՞ն եք ակնարկում․․․

― Այո՛, Տրոտուդ։

― Ուրեմն, Ագնես, դուք շատ անարդար եք դեպի նա։ Նա՞ է չար դևը, որ միշտ իմ բարի պահապանն է, իմ առաջնորդը, իմ ընկերը։ Ո՛չ սիրելի Ագնես, ձեր ազնիվ սրտին վայել չէ այդպես խիստ դատապարտել նրան լոկ թատրոնի գիշերվա արարքիս համար։

― Միայն դրա համար չէ, որ դատապարտում եմ նրան, ― հանգիստ ձայնով պատասխանեց Ագնեսը։

― Հապա ի՞նչ բանի համար եք դատապարտում նրան։

― Շատ բաների, որոնք ինքնըստինքյան չնչին են, բայց միասին վերցրած՝ չնչին չեն։ Դատապարտում եմ մասամբ հիմք ընդունելով ձեր պատմածները նրա մասին, մասամբ էլ այն ազդեցությունը, որ նա ունի ձեր վրա։

Ագնեսի քաղցրիկ ձայնը միշտ շոշաել էր սրտիս մի լարը, որ միայն նրա հնչմանն էր արձաքանք տալիս։ Այժմ այդ ձայնը հուզմունքից դողալով՝ սրտիս խորքն էր թափանցում և նվաճում ինձ։ Ագնեսը լռեց և աչքերը ձեռագործին հառեց․ բայց ես ակնապիշ նայում էի, կարծես թե շարունակելով լսել նրան, և Ստիրֆորթի պատկերը հակառակ սիրույս դեպի նա, հետզհետե նսեմանում էր մտքիս մեջ։

― Իմ վարմունքն այս դեպքում անշուշտ համարձակ է, ― ասաց Ագնեսը, նորից աչքերը բարձրացնելով։ ― Ես մի մեկուսացած կյանք եմ վարում և աշխարհի հետ այն աստիճան ծանոթ չեմ, որ իրավունք ունենամ վստահորեն ձեզ խորհուրդ տալ կամ էլ խստիվ դատապարտել ձեր ընկերոջը։ Սակայն, Տրոտուդ, ես գիտեմ, թե վստահությանս պատճառն ի՞նչ է։ Դա մեր մանկության հիշատակն է․ մեր հին մտերմությունը, որը թույլ չի տալիս ինձ չհետաքրքրվել այն բոլորով, ինչ որ ձեզ է վերաբերում։ Ահա այստեղից է առաջ գալիս իմ համարձակ վստահությունը։ Ես հավատացած եմ, որ ասածս ճշմարիտ է, և աներկբա եմ այս մասին։ Մի ներքին ձայն ինձ ասում է, որ դուք մի վտանգավոր ընկեր եք ճարել։

Դարձյալ նայում էի Ագնեսին, դարձյալ ականջ դնում նրա ձայնին, թեև նա լուռ էր, և նորից Ստիրֆորթի պատկերը, թեև դեռ սրտումս կենդանի, մի սևաթույր ամպով էր ծածկվում։

― Ես այնքան անմիտ չեմ, ― ասաց Ագնեսը, վերստին իր խոսելու սովորական եղանակն ընդունելով, ― որ ձեզնից պահանջեմ իսկույն փոխել մի զգացում, որ արդեն համոզում է դարձել ձեզ համար, նամանավանդ մի զգացում, որ արմատացած է ձեր դյուրահավատ սրտի մեջ։ Բնավ չեմ ուզում, Տրոտուդ, եթե մի օր ինձ հիշելու լինեք․․․ այսինքն, ― այստեղ նա ժպտաց, որովհետև ես ուզում էի իր խոսքը կտրել, և նա հասկացավ, թե ինչո՞ւ ― ամեն անգամ ինձ հիշելիս՝ հիշեցեք և այն, ինչ որ ասացի։ Կներե՞ք ինձ։

― Կներեմ, Ագնես, հենց որ սկսեք արդարադատ լինել Ստիրֆորթի նկատմամբ և նրան այնպես սիրեք, ինչպես որ ես եմ սիրում։

― Եվ ոչ առա՞ջ, ― հարցրեց Ագնեսը։

Ստիֆորթի անունը տալուն պես նկատեցի, որ Ագնեսի երեսի վրայով մի թեթև ստվեր անցավ․ սակայն նա իսկույն ժպիտով փոխարինեց իմ ժպիտը, և մենք շարունակեցինք առաջվա մտերմությամբ զրուցել։

― Իսկ դուք, Ագնես, ե՞րբ կներեք իմ թատրոնի վարմունքը։

― Երբ որ նրան մտաբերեմ, ― պատասխանեց Ագնեսը։

Նա ուզում էր խուսափել այդ մասին խոսելուց, բայց ես չհանգստացա, մինչև որ չպատմեցի խայտառակ երեկոյի դեպքերը, որոնց շղթայի մեջ թատրոն գնալս միայն վերջին օղակն էր, և այս խոստովանությունը մեծ թեթևություն տվեց ինձ։ Ես ուրախ էի մանավանդ այն բանի համար, որ առիթ ունեցա շնորհակալությամբ հիշելու Ստիրֆորթի խնամքն իմ մասին, որը վայելել էի մի այնպիսի ժամանակ, երբ ես ինքս չէի կարող հոգալ իմ մասին։

― Տեսեք հա, Տրոտուդ, ― ասաց Ագնեսը, խոսակցության նյութը փոխելով, ― չմոռանաք, որ խոսք եք տվել ոչ միայն ձեր վշտերն ու ցավերը պատմել ինձ, այլև սիրային հանդիպումները։ Պարզ ասացեք, ո՞վ է հաջորդել ձեր սրտում ավագ միս Լարկինսին։

― Ոչ ոք, Ագնես։

― Մի՞թե, ― ասաց Ագնեսը, ժպտաց ու մատով սպառնաց ինձ։

― Ոչ ոք, Ագնես, ազնիվ խոսք։ Իրավ է՝ կա մի օրիորդ մրս․ Ստիրֆորթի տանը, մի շատ խելացի օրիորդ․․․ միս Դարտլը․․․ որի հետ սիրում եմ զրուցել, բայց ամենևին չեմ պաշտում նրան։

Ագնեսը դարձյալ ծիծաղեց իր նրբամտության վրա և ասաց, որ եթե ես միշտ նրա առջև սրտաբաց լինեմ, նա մի բուռն սիրահարությունների մի փոքրիկ ցուցակ կպահի, յուրաքանչյուրի ծագումը, տևողությունն ու վախճանը նշանակելով, թագավորների ու թագուհիների այն ցանկի նման, որը դրվում է Անգլիայի պատմության մեջ։ Հետո հարցրեց, արդյոք Ուրիասին չե՞մ տեսել։

― Ուրիաս Հիպի՞ն, ― ասացի ես։ ― Ոչ։ Մի՞թե նա Լոնդոնումն է։

― Այո, և ամեն օր ներքևի հարկի գրասենյակն է գալիս, ― հաստատեց Ագնեսը։ ― Նա ինձնից մի շաբաթ առաջ է Լոնդոն եկել, և կարծեմ, Տրոտուդ, մի անախորժ գործով։

― Որը, ինչպես տեսնում եմ, անախորժություն է տալիս ձեզ, ― նկատեցի ես։ ― Ի՞նչ գործ է արդյոք։

Ագնեսը ձեռքերը ծալեց և իր խոհուն, սիրուն աչքերը հառելով ինձ, ասաց․

― Նա կարծեմ մտադիր է ընկերանալ հայրիկիս։

― Ի՞նչ, Ուրիա՞սը, այն քծնող ու գարշելի արարա՞ծը, ― գոչեցի ես սրտմտությամբ։ ― Նա այդպիսի հավակնություն ունի, և դուք նրան չե՞ք դիմադրել, չե՞ք մտածել, թե ինչ հետևանք կարող է ծագել, այդ բանից։ Դուք, Ագնես, պետք է հայրիկի հետ խորհրդակցեք և զգուշացնեք նրան չարիքից։ Եվ որքան շուտ, այնքան լավ։

Ագնեսը, շարունակ ինձ նայելով, հուզմունքիս վրա ժպտաց և պատասխանեց․

― Հիշո՞ւմ եք մեր վերջին խոսակցությունը հայրիկիս մասին։ Փոքր֊ինչ հետո․․․ և կարծեմ երկու կամ երեք օր չանցած․․․ նա ինքն առաջին անգամ ինձ հայտնեց, ինչ որ հաղորդում եմ ձեզ այս րոպեիս։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես էր տանջվում, մինչ աշխատում էր ցույց տալ ինձ, թե իր ազատ կամքովն է գործ տեսնում, այլ ոչ թե մեկ ուրիշի ստիպումով։

― Բայց ո՞վ կարող է ստիպել նրան։

― Ուրիասը հաջողացրել է, ― ասաց Ագնեսը փոքր վարանելուց հետո, ― մի անհրաժեշտ մարդ երևալ հորս։ Նա խորամանկ է և աչալուրջ։ Նա տեսնում է հորս թուլությունը, և իր օգտին ծառայեցնում։ Վերջապես, եթե ուզում եք ամեն բան իմանալ, իմացե՛ք, Տրոտուդ, որ հայրիկս նրանից վախենում է։

Պարզ տեսա, որ Ագնեսը կարող է շատ բան ասել, շատ բան գիտի և կամ թե գուշակում է, սակայն հորը խնայելով, չի ուզում հայտնել։ Ավելորդ համարեցի հարցերով հուզել նրան։ Զգում էի, որ նենգությունն արդեն վաղուց էր պատրաստված․ հավատացած էի, որ գործը վաղ թե ուշ մի այդպիսի ելք պիտի ստանար։ Բայց լուռ մնացի։

― Ուրիասի ազդեցությունը հորս վրա ահագին է, ― ասաց Ագնեսը։ ― Նա մեծ խոնարհություն ու երախտագիտություն է ցույց տալիս․․․ և գուցե անկեղծորեն․ բայց և այնպես նա մի զորեղ ազդեցություն ունի, որը վախենում եմ, թե շատ է ի չարը գործ դնում։

― Ուրիասը շուն է, ― գոչեցի ես և առժամանակ սիրտս մի քիչ հովացրի։

― Հորս խոստովանությունից փոքր առաջ, ― շարունակեց Ագնեսը, ― Ուրիասն ասել էր նրան, թե մտադիր է հեռանալ, թեև շատ ցավում է, բայց ստիպված է հեռանալ, որովհետև ավելի շահավետ գործերով է զբաղված։ Նա ուրիշ ելք չգտավ, բացի Ուրիասին ընկերակից անելուց, թեև գարշում, ամաչում էր այդ քայլից։

― Իսկ դուք, Ագնես, ի՞նչ արիք։

― Այն արի, Տրոտուդ, ինչ որ արդար համարեցի, ― պատասխանեց Ագնեսը։ ― Զգալով, որ հորս հանգստության համար այդ զոհաբերությունն անհրաժեշտ է, համաձայնեցի։ Ես ասացի, թե այդ քայլով նա իր բեռների գեթ մի մասից կազատվի․․․ Երանի՜ թե հույսս արդարնա․․․ և ես ավելի առիթ կունենամ նրա հետ միասին լինելու։ Օ՜հ, Տրոտուդ, ― գոչեց Ագնեսը, արտասուքը թաքցնելու համար իր երեսը ծածկելով, ― ինձ թվում է, թե փոխանակ մի գորովալի դստեր նման հորս սփոփելու՝ թշնամու պես եմ վարվում նրա հետ։ Ես գիտեմ, թե նա որչա՜փ է փոխվել ինձ սիրելու պատճառով․ գիտեմ թե որչափ սահմանափակել է իր բարեկամների ու գործերի շրջանը, որպեսզի միայն իմ վրա կենտրոնացնի իր ամբողջ սիրտն ու հոգին։ Գիտեմ, թե որքան զրկանք ու նեղություն է կրել իմ սիրուն։ Միայն ի՛մ մասին մտածելով, նա իր կյանքը մաշել է, ուժերը սպառել, իր հանգիստը կորցրել։ Օ՜հ, երանի թե կարողանայի ուղղել այս բոլորը, փրկել նրան այն անկումից, որին ես եմ անգիտաբար մատնել նրան։

Մինչև հիմա Ագնեսի լաց լինելը չէի տեսել։ Տեսել էի, այո՛, նրա արտասուքը, երբ վերադառնում էի ուսումնարանից, մի որևէ մրցանակ բերելով․ տեսել էի նրա աչքերում արտասուքի կաթիլներ, երբ վերջին անգամ խոսում էինք իր հոր մասին, նկատել էի նմանապես, որ մեկնելուս օրը ինձնից հրաժեշտ տալիս նա շուռ էր տվել իր քաղցրիկ դեմքը՝ արտասուքը թաքցնելու համար։ Բայց դեռ ոչ մի ժամանակ այսպես դառը հեկեկալիս չէի տեսել։ Բոլորովին այլալվելով, ես չկարողացա ուրիշ բան ասել, քան այս անշնորհք խոսքերը․ «Լաց մի՛ լինի, Ագնես։ Լաց մի՛ լինի սիրելի քույրիկս»։

Սակայն Ագնեսը բնավորությամբ ու կամքով ինձնից ավելի ուժեղ էր (այժմ ես այդ լավ գիտեմ, թեև գուցե այն ժամանակ չգիտեի), և թախանձանքիս կարոտ չէր։ Նրա երեսի չքնաղ ու պայծառ անդորությունը, որի նմանը ոչ մի կնոջ դեմքի վրա չեմ տեսել, վերադարձավ։ Թեթևասահ ամպն այդպես է անցնում, որպեսզի կապույտ երկինքն ավելի ջինջ երևա։

― Հավանական է, որ երկար միասին չմնանք, ― ասաց Ագնեսը։ ― Այս պատճառով շտապում եմ խնդրել ձեզ, Տրոտուդ, հաշտվեցեք Ուրիասի հետ։ Մի՛ մերժեք նրան։ Որքան էլ ձեզ ատելի լինի (այդ տեսնում եմ ձեր աչքերից), տհաճություն ցույց մի՛ տվեք։ Նա գուցե արժանի չէ, որ իր հետ այդպես վարվեք․ չէ՞ որ նրա վատության մասին ոչ մի հաստատ բան չգիտենք։ Համենայն դեպս՝ նախ հայրիկիս և իմ մասին մտածեցեք։

Ագնեսը դեռ իր ասելիքը չէր ավարտել, երբ սենյակի դուռը բացվեց և առագաստանավի նման մրս․ Ուատրբրուկը ներս սուրաց․ նա մի հա՞ստ տիկին էր․․․ թե՞ շատ լայն զգեստ էր հագել, ճիշտը՝ չգիտեմ, որովհետև անկարելի էր իմանալ, թե ո՞րն էր զգեստ, ո՞րը՝ տիկին։ Աղոտ կերպով հիշեցի, որ տեսել եմ նրան թատրոնում, ասես թե մի մոգական լապտերի դժգույն լույսով․ իսկ նա կարծեմ իսկույն ևեթ ճանաչեց ինձ և գուցե կասկածում էր, արդյոք այժմ էլ հարբած չե՞մ։

Հետզհետե ստուգելով, որ զգաստ եմ, ուշքս վրաս է և մի համեստ ջենտլմեն եմ, մրս․ Ուատրբրուկը ներողամիտ նայեց ինձ և հարցրեց նախ՝ հաճա՞խ եմ զբոսնում պարտեզներում, և երկրորդ՝ շուտ֊շուտ եմ լինում հասարակության մեջ։ Երկու հարցին էլ բացասական պատասխան տալուս համար՝ կարծես նորից նրա աչքում վարկս կորցրի․ բայց այս հանգամանքը նա վայելչաբար թաքցրեց և հրավիրեց ինձ ճաշի գալ իր մոտ հետևյալ օրը։ Շնորհակալությամբ ընդունեցի նրա հրավերը և հրաժեշտ տվեցի կանանց։ Դուրս գալիս մտա գրասենյակը Ուրիասին տեսնելու։ Նա այնտեղ չէր․ ես մի այցետոմս թողի։

Հաջորդ օրը, ճաշի ժամին, մր․ Ուատրբրուկի տան դուռն արդեն բաց էր։ Ներս մտնելուս պես, տապակած գառան գոլորշու մեջ սուզվեցի, որից հետևեցի, թե հրավեր ստացողը միայն ես չեմ։ Սանդուղքի ներքևում որպես բարապան կանգնած էր այն տղան, որը երեկ նամակ էր բերել Ագնեսից։ Այժմ նրա պաշտոնը հյուրերի անունը ներսի սպասավորին հայտնելն էր։ Չնայած այժմ նա լիվրեյով էր ու փոխված, ես նրան իսկույն ճանաչեցի։ Իմ անունն էլ քաղաքավարի հարցրեց, իբր թե չգիտեր, թե ով եմ ես․ ես էլ ասացի, ցույց տալով, իբր թե նա էլ ինձ բոլորովին անծանոթ է․․․

Մր․ Ուատրբրուկը մի միջահասակ ջենտլմեն էր՝ կարճ վզով ու լայն օձիքով․ միայն սև քիթն էր պակասում նրան կապիկաշան նմանվելու համար։ Նա հայտնեց ինձ, թե երջանիկ է, որ պատիվ ունի աջս սեղմելու, երբ ես մրս․ Ուատրբրուկին խոնարհ ողջույն մատուցեցի, ջենտլմենը հանդիսավոր կերպով ինձ ծանոթացրեց մի սոսկալի տիկնոջ հետ, որը իր սև թավշե զգեստով ու ահագին սև թավշե գլխարկով Համլետի մոտ ազգականի, օրինակի համար, նրա մորաքրոջ նման թվաց ինձ։

Այդ տիկնոջ անունը մրս․ Հենրի Սպայքր էր․ ամուսինն էլ ներկա էր ― մի այնպիսի պաղ պարոն, որի գլուխը փոխանակ սևահեր երևալու՝ կարծես թե սառ եղյամով ծածկված լիներ։ Ամենքն էլ անչափ ակնածում էին այդ զույգից․ պատճառը, Ագնեսի ասելով, այն էր, որ մր․ Հենրի Սպայքրը, էլ չեմ հիշում ո՞ր տեղի կամ ո՞ւմ խորհրդականը լինելով, հեռավոր կապեր ուներ արքունի գանձարանի հետ։

Հյուրերի թվում էր և Ուրիաս Հիպը՝ սևազգեստ ու շատ խոնարհ մի մարդ։ Ես աջս մեկնեցի նրան, և նա ասաց, թե անչափ պարծենում է իմ ուշադրությամբ դեպի ինքը և զիջողության համար երախտապարտ է։ Լավ է այդքան երախտապարտ չլինել, որովհետև ամբողջ երեկո հալածում էր ինձ՝ շնորհակալություն շռայլելով, և հենց որ մոտենում էի Ագնեսին՝ նրան մի երկու խոսք ասելու, արդեն հավատացած էի, որ մեռելագույն Ուրիասն իր անթերթերունք աչքերով՝ ուրվականի պես դիտում է մեզ մի որևէ անկյունից։

Կային և ուրիշ հյուրեր՝ բոլորն էլ սեղանի վրա դրված շամպայնի նման սառն ու պաղ։ Սակայն մեկը՝ դեռ ներս չմտած ուշադրությունս գրավեց․ սպասավորը մր․ Տրեդլս անվանեց նրան։ Նույն րոպեին ես Սալեմ Հաուսը հիշեցի։ «Մի՞թե Թոմին է, կմախք նկարող ընկերս», նույն րոպեին անցավ իմ մտքով։

Անսովոր հետաքրքրությամբ սպասեցի նրան։ Ներս մտավ մի պատկառելի ու համեստ երիտասարդ՝ տարօրինակ մազերով ու դուրս ընկած աչքերով, և այնպես արագ մի անկյուն քաշվեց, որ նրա դեմքը լավ դիտելու ժամանակ էլ չունեցա։ Բայց վերջապես տեսա․ եթե աչքերս չէին խաբում, նա իմ թշվաչ Թոմին էր։

Մոտեցա մր․ Ուատրբրուկին և ասացի, թե կարծեմ իմ հին ընկերոջը նրա տանը տեսնելու բախտ ունեմ։

― Մի՞թե, ― ասաց մր․ Ուատրբրուկը զարմանալով։ ― Ձեր հասակին նայելով դժվար է ենթադրել, որ մր․ Հենրի Սպայքի դասընկերը եղած լինեք դպրոցում։

― Նրա մասին չէ իմ խոսքը, ― նկատեցի ես, ― այլ Տրեդլս անունով ջենտլմենի։

― Ա՜, այո՛, այո՛, իրա՞վ, ― ասաց տանտերը շատ նվազած հետաքրքրությամբ։ ― Հավանական է։

― Եթե այդ պարոնն իրոք նա՛ է, ― ասացի ես, նորից դիտելով Տրեդլսին, ― ուրեմն մենք միասին ենք աշակերտել Սալեմ Հաուսում․ նա մի ազնիվ ընկեր էր։

― Այո՛, Տրեդլսը լավ տղա է, ― նկատեց տանտերը զիջողական եղանակով։ ― Տրեդլսը լավ տղա է։

― Իրոք որ մի անակնկալ հանդիպում, ― ասացի ես։

― Իրոք անակնկալ, ― պատասխանեց տանտերը, ― մանավանդ եթե նկատի առնենք, որ Տրեդլսը միայն այս առավոտ է հրավիրված, որովհետև մրս․ Ապայքրի եղբոր հիվանդության պատճառով սեղանի վրա մի տեղ ազատ էր մնում։ Ա՜հ, մրս․ Հենրի Սպայքրի եղբայրը մի իսկական ջենտլմեն է, մր․ Կոպպերֆիլդ։

Փնթփնթալով հավանություն տվի, թեև բնավ չէի ճանաչում այդ պարոնին և հարցրի, թե ի՞նչ գործի է այժմ Տրեդլսը։

― Տրեդլսը, ― պատասխանեց մր․ Ուատրբրուկը, ― փաստաբանության է պատրաստվում։ Այո՛։ Լավ տղա է․ ոչ ոքի վնաս չի տա․․․ եթե ոչ իրեն։

― Ինչպե՞ս թե իրեն։

― Այնպես, ― ասաց մր․ Ուատրբրուկը իր շուրթերը պրկելով ու ժամացույցի շղթայի հետ հանգիստ ու գոհ խաղալով։ ― Չեմ կարծում որ նա մի նշանավոր մարդ դառնա։ Այո՛, գրավ եմ բռնում, օրինակի համար, որ նա երբեք տարեկան հինգ հարյուր ստեռլինգ չի ստանա։ Տրեդլսի հետ ինձ ծանոթացրեց իմ ընկերներից մեկը։ Այո՛։ Հարկավ նա զուրկ չէ որևէ նամակ շարադրելու և բանի էությունը պարզ գրելու քանքարից։ Ժամանակով ես կարող եմ նրան մի գործ տալ․․․ անշուշտ այդպիսի մարդուն հարմար գործ։ Այո՛։

Սաստիկ տպավորություն արավ վրաս մր․ Ուատրբրուկի այն ինքնագոհ, ինքնավստահ եղանակը, որով անդադար գործ է ածում իր փոքրիկ «այո»֊ները։ Նրա շեշտադրությամբ այդ այո֊ները մի զարմանալի իմաստ էին ստանում․ շեշտերը ցույց էին տալիս, որ նա ոչ թե շապիկով էր աշխարհ եկել, այլ սանդուղքով, և այդ սանդուղքն էլ օգնել էր նրան աստիճան առ աստիճան վեր մագլցել դեպի կյանքի բարձրունքը, որտեղից, ինչպես մի ապահով բերդի աշատարակից, փիլիսոփայի, հովանավորի աչքով այժմ նայում էր ներքևի փոսում տառապող բազմության վրա։

Ես դեռ այս մտքի մեջ էի խորասուզված, երբ սպասավորը հայտնեց, թե ճաշը պատրաստ է։ Մր․ Ուատրբրուկը Համլետի մորաքրոջ հետ ներքև իջավ․ մր․ Հենրի Սպայքրը մրս․ Ուատրբրուկին տվեց իր թևը։ Ես ուզում էի Ագնեսին ընտրել, բայց նրան ապուշի պես ժպտացող մի թույլոտն պարոն հրավիրեց։ Ուրիասը, Տրեդլսն ու ես, որպես հասարակության ամենակրտսեր անդամներ, բոլորից հետո առանց այլևայլության ներքև իջանք։ Ես ժամանակ չունեցա ափսոսալու, որ զրկվում եմ Ագնեսի թևից, որովհետև սանդուղքի վրա առիթ գտա խոսակցելու Տրեդլսի հետ, որ ցնծությամբ ողջունեց ինձ․ մինչդեռ Ուրիասն այնպես էր մեր շուրջը քծնում ու գալարվում, որ ես պատրաստ էի բազրիքից ցած գլորել նրան։

Սեղան նստելիս ես ու Տրեդլսը հակառակ անկյուններում տեղ ստացանք ― նա մի կարմրազգեստ օրիորդի շողքերի մեջ, իսկ ես Համլետի մորաքրոջ մթագին ստվերում։ Ճաշն անչափ երկար տևեց․ խոսակցության միակ նյութը ազնվական ծագումը կամ տոհմիկությունն էր․․․ արյունը։ Մրս․ Ուատրբրուկը շարունակ կրկնում էր, թե ոչ մի բան այնքան չի սիրում, որքան արյունը։

Արյո՜ւն, արյո՜ւն․․․ Ասես թե սեղանակիցները մարդակեր հրեշներ լինեին՝ այն աստիճան արյունռուշտ էր նրանց հոգին։

― Ես էլ մրս․ Ուատրբրուկին համամիտ եմ, ― ասաց մր․ Ուատրբրուկը, բաժակն աչքերին մոտեցնելով։ ― Աշխարհիս երեսին լավ բաներ շատ կան, բայց ըստ իս ամենից պատվականը արյունն է։

― Օ՜հ, ինչ բան կարող է արյան հետ հավասարվել, ― նկատեց Համլետի մորաքույրը։ ― Առհասարակ, ամեն բանի իդեալը արյունն է։ Կան անշուշտ ստրկամիտ էակներ, հարկավ ոչ շատ, բայց կան, որոնք պատրաստ են երկրպագել ձիրք, հանճար, երախտիք ասված կուռքերին։ Սակայն դրանք անտեսանելի բաներ են։ Ուրիշ բան է արյունը։ Արյունը երևում է մարդուս քթից, և նրան իսկույն ճանաչում ենք։ Երևում է կզակից, և իսկույն ասում ենք․ «Ահա արյուն, մաքուր արյուն»։ Դա մի դրական, իրական բան է։ Արյունը կարելի է շոշափել, և նա ոչ մի կասկածի տեղի չի տա։

Ապուշ֊ապուշ ժպտացող թույլոտն պարոնը, որ թև էր մատուցել Ագնեսին, ավելի ևս պարզեց խնդիրը։

― Բոլորդ էլ գիտեք, ― ասաց նա, շուրջը մի անմիտ հայացք գցելով, ― գիտեք, որ չի կարելի արյունն արհամարել։ Արյունը, գիտեք, անհրաժեշտ բան է։ Մի քանի երիտասարդներ, գիտեք, կարող են դաստիարակությամբ ու վարքով իրենց աստիճանից փոքր֊ինչ ետ մնալ և երբեմն հիմար֊հիմար բաներ անել, թե իրենց և թե ուրիշներին նեղություն տալ, բայց և այնպես, գիտեք, ո՞վ չի հիանում, երբ լսում է, թե նրանք բոլորն էլ արյուն ունեն։ Գալով ինձ, ես լավ կհամարեմ, որ գետնով տա ինձ արյուն ունեցողը, քան թե չունեցողը բարձրացնի։

Այս դավանանքը, որ ընդհանուր խնդրի ամփոփումն էր, ամենից ավելի հավանություն գտավ և մինչև կանանց հեռանալու րոպեն բոլոր ջենտլմենների ուշադրությունը գրավեց։ Այն ժամանակ ես նկատեցի, որ մր․ Գուլպիջն և մր․ Հենրի Սպայքրը, որոնք մինչև այժմ բավական զատված էին իրարից, մի տեսակ պաշտպանական դաշինք կնքեցին մեզ նման աննշան էակների դեմ, և սկսեցին սեղանի հակառակ կողմերից մի խորհրդավոր զրույց անել, որպեսզի լիովին հարվածեն մեզ ու ջախջախեն։

― Սակայն այն առաջին մուրհակի գործը, որի գումարը չորս հազար հինգ հարյուր ստեռլինգ էր, մի ցանկալի ընթացք չստացավ, Գուլպիջ, ― ասաց մր․ Հենրի Սպայքրը։

― Այսինքն՝ Ա֊բնակ Դ֊իի գործը, ― ասաց մր․ Սպայքրը։

― Բ֊նակ Կ֊ի գործը, ― պատասխանեց մր․ Գուլպիջը։

Մր․ Սպայքրը հոնքերը կիտեց ու շատ հուզված երևաց։

― Երբ գործը լորդ․․․ ին ներկայացրին, ավելորդ է նրա անունը տալ, ― ասաց մր․ Գուլպիջը, կանգ առնելով։

― Գիտեմ, գիտեմ, ― ասաց մր․ Սպայքրը։ ― Լորդ Ս․․․ին։

Մր․ Գուլպիջը խորհրդավոր նշան արեց ու շարունակեց․

― Երբ խնդիրը լորդին ներկայացրին, նա պատասխանեց․ «Կամ վճարում, կամ բա՞նտ»։

― Տեր ողորմյա, ― գոչեց մր․ Սպայքրը։

― Վճարումն կամ բանտ, ― կրկնեց շեշտով մր․ Գուլպիջը, ― մերձավոր ժառանգը․․․ որին հարկավ ճանաչում եք․․․

― Գ֊ն, ― ասաց մր․Սպայքրը չարագուշակ հայացքով։

― Գ֊ն ստորագրելուց միանգամայն հրաժարվեց։ Նրան համոզելու համար հատուկ Նյումարկետ գնացին, բայց նա ամենևին չուզեց ստորագրել։

Մր․ Սպայքրը զարմանքից քար կտրեց, այն աստիճան հետաքրքրված էր այդ գործով։

― Եվ ահա գործը ճիշտ այս դրության մեջ է մնացել, ― ասաց մր․ Գուլպիջը, ետ ընկնելով աթոռի վրա։ ― Մեր բարեկամ մր․ Ուատրբրուկը կների ինձ, որ ավելի պարզ չեմ խոսում․ գործի ահագին կարևորությունը ստիպում է ինձ զգույշ լինել։

Մր․ Ուատրբրուկն ակներև շատ երջանիկ էր, որ իր սեղանի վրա, թեկուզ ծածկված կերպով, այսպիսի գործեր և այսպիսի անուններ են հիշատակում։ Նա իր դեմքին մի խորիմաստ արտահայտություն տվեց (թեև հավատացած եմ, որ խոսակիցների ասածից ինքն էլ ոչինչ չէր հասկանում), և նրանց խորհրդապահ զգուշությունը լիովին գովեց։ Մր․ Սպայքրն իր ընկերոջ կողմից այդպիսի մտերմություն գտնելուց հետո՝ ինքն էլ բնականաբար նրան մի գաղտնիք հայտնելու փափագ զգաց։ Այս պատճառով վերոհիշյալ խոսակցությանը ուրիշ զրույց հաջորդեց, որի ընթացքում զարմանք հայտնողն արդեն մր․ Գուլպիջն էր․ և ապա դարձյալ մեկ ուրիշ զրույց, որի մեջ զարմանալու հերթը նորից մր․ Սպայքրին հասավ, և այսպես նրանք շարունակում էին մեկը մյուսին զարմացնել։ Իսկ մենք, տգետներս, սարսափելի գաղտնիքների ծանրության տակ ընկճված, ափիբերան նստած էինք, մինչ տանտերը մեզ նայելով պարծանք էր զգում, որ այս փրկարար ակնածության ու սքանչացման զոհն ենք դարձել։

Հեշտ է երևակայել, թե ինչքան ուրախացա, երբ սեղանից հետո վերևի դահլիճը գնացի և այնտեղ իրար հետ ծանոթացրի Ագնեսին ու Տրեդլսին, որ չնայելով շատ ամոթխած լինելուն, միշտ հաճելի ու սիրելի ընկեր էր։ Ես չկարողացա նրա հետ այնքան խոսել, ինչքան ցանկանում էի, որովհետև հետևյալ օրը նա մի ամսով մեկնելու էր չգիտեմ ուր։ Սակայն մենք մեր հասցեները փոխանակեցինք և խոսք տվինք որ երբ նա Լոնդոն վերադառնա, նորից իրար հանդիպենք։ Նա շատ ուրախացավ, որ ես դարձյալ ընկերացել եմ Ստիրֆորթի հետ, և այնքան համակրելի բաներ ասաց նրա մասին, որ ես ստիպեցի նրան իր կարծիքն Ագնեսին կրկնել։ Բայց Ագնեսը միայն վրաս նայեց ու թեթևակի գլուխը շարժեց, և այնպես, որ այդ շարժումը միայն ե՛ս նկատեմ։

Տրեդլսի հեռանալուց հետո Ագնեսն ու ես միասին մնացինք, և նա հայտնեց, թե շուտով վերադառնալու է Կենտրբըրի։ Այս լուրը մասամբ ուրախացրեց ինձ, որովհետև Լոնդոնում Ագնեսը մի այնպիսի շրջանի մեջ էր, որը նա չէր կարող համակրել․ մասամբ էլ տրտմեցրեց, որովհետև շուտով բաժանվելու էի նրանից։ Այս պատճառով որոշեցի մինչև հյուրերի ցրվելը նրա հետ մնալ։ Ագնեսի հետ զրուցելը ու նրա երգը ունկնդրելը նշանակում էր ցնծությամբ մտաբերել կյանքիս երջանիկ օրերը, որ վայելել էի նրա շնորհիվ կենդանացած հին տան մեջ, և ես պատրաստ էի մինչև կես֊գիշեր հետը նստել․ սակայն երբ մր․ Ուատրբրուկի հասարակության բոլոր աստղերը մեկ֊մեկ հանգան, ես էլ ստիպված ծանր սրտով հրաժեշտ տվեցի։ Ահա այդ րոպեին էր, որ ավելի քան երբևէ, զգացի, թե Ագնեսն իրավ իմ հրեշտակն է, և եթե այնուհետև նրա քաղցրիկ դեմքն ու հեզիկ ժպիտը հիշելիս՝ ես միշտ մտածել եմ, թե նա վերևից վրաս հսկող մի զվարթուն հրեշտակ է, կարծեմ վատ բան չեմ արել։

Ասացի, թե հասարակությունն արդեն ցրվել էր, սակայն ճիշտ կլիներ ասել՝ բացի Ուրիասից, որին ես չէի դասում այդ խմբի մեջ, և որը ոչ մի վայրկյան չէր դադարում մոտիկից մեզ լրտեսելուց։

Նա հետևում էր ինձ, երբ իջնում էի սանդուղքից, փողոցումն էլ քայլ առ քայլ հետևում էր, իր ոսկրոտ մատներն ահագին ձեռնոցների մեջ անցկացնելով։

Ամենևին տրամադիր չէի ընկերություն անել Ուրիասի հետ, սակայն Ագնեսի աղաչանքը հիշելով, առաջարկեցի նրան իմ մոտ գալ և մի բաժակ սուրճ խմել։

― Օ՜հ, ճշմարիտ, մաստր Կոպպերֆիլդ․․․ ― ասաց նա, ― ներեցեք, պիտի ասեի միստր Կոպպերֆիլդ, բայց հին սովորությունս հաղթեց․․․ չէի ցանկանա, որ նեղություն կրեք ձեր բնակարանը հրավիրելու ինձ նման մի խոնարհ մարդու։

― Ամենևին նեղություն չեմ կրում, ― պատասխանեցի ես։ ― Ուզո՞ւմ եք գալ։

― Շատ կցանկանայի, շատ և շատ, ― ասաց Ուրիասը կծկվելով։

― Ուրեմն եկեք։

Ես ակամա էի կոպիտ խոսում, բայց նա կարծեմ չէր նկատում այդ։ Առանց երկար զրուցելու ամենակարճ ճանապարհով առաջ գնացինք և այդ բոլոր միջոցին նա շարունակ իր ահագին ձեռնոցները մատների վրա էր քաշում․ արդեն տուն հասանք, բայց նա դեռ քաշում էր։

Մութ սանդուղքով բարձրանալիս, ես նրա ձեռքից բռնեցի, որ նա գլուխը պատին չխփի, բայց նրա ձեռքը գորտի նման սառն էր ու լպրծուն, և ես պատրաստ էի դեն հրել նրան ու փախչել։ Ագնեսն ու հյուրասիրության պարտքը արգելեցին ինձ այդպես անել․ պետք եղավ մինչև վառարանը առաջնորդել Ուրիասին։ Երբ մոմերը վառեցի, նա հիացավ իր առջև լուսավորված սենյակից, իսկ երբ սկսեցի սուրճ եփել մի հասարակ անագե ամանում, որի մեջ եփում էր և մրս․ Կրապպը (թեև այս անոթը իբրև ածիլվելու տաք ջրի աման, չպիտի սուրճ եփելու նպատակին ծառայեր, քանի որ իսկական թանկագին սրճամանը պահարանում ժանգոտում էր), Ուրիասը այն աստիճան սքանչացավ, որ քիչ էր մնում սառը ջուրը նրա գլխին ածեի։

― Օ՜հ, մր․ Տրոտուդ․․․ ներեցեք, ուզում էի ասել մր․ Կոպպերֆիլդ, ― սկսեց Ուրիասը, ― ես երևակայել անգամ չէի կարող, որ այսպես փառավոր կընդունեք ինձ։ Սակայն այս խոնարհ ու չնչին վիճակիս մեջ գլխիս վրա այնքան անակնկալ բարիքներ են թափվում, որ ինձ մնում է փառք տալ աստծուն։ Արդյոք լսած եք, մաստր․․․ այսինքն՝ միստր Կոպպերֆիլդ, որ դրությունս փոխվելու է։

Նա նստել էր բազմոցիս վրա, սուրճի բաժակը նիհար ծնկների վրա բռնած, գդալը հանդարտ շարժելով, մինչ գլխարկն ու ձեռնոցները հատակի վրա էին, իր կողքին։ Նրա մերկ կոպերով կարմիր աչքերը որոնց արտևանունքները կարծես կրակից խանձվել էին, նրա դեպի ինձ ուղղած, բայց իբր թե վրաս չնայող անթարթ հայացքը, նրա ռունգերի ուռելն ու սեղմվելը, նրա մարմնի ոտքից մինչև գլուխ օձանման գալարվելը տեսնելիս՝ զգում էի, որ ատելով ատում եմ նրան։ Զզվելի էր ինձ այդ մարդը։ Բայց ես դեռ այնքան ջահել էի, որ սովոր չէի զգացմունքներս թաքցնել։

― Գուցե արդեն լսել եք, մաստր Կոպպերֆիլդ․․․ Ներեցեք, միստր Կոպպերֆիլդ, որ վիճակս փոխվելու վրա է, ― նկատեց Ուրիասը։

― Այո՛, լսել եմ մի այդպիսի բան, ― ասացի ես։

― Ա՜հ, ես գիտեի, որ այս բանը միս Ագնեսին հայտնի է, ― հանգիստ կերպով ասաց Ուրիասը։ ― Շատ ուրախ եմ, որ հայտնի է միս Ագնեսին։ Օ՜հ, շնորհակալ են ձեզնից, մաստր․․․ կուզեի ասել միստր Կոպպերֆիլդ։

Կցանկանայի նրա գլխին խփել կոշկահանս (որը ընկած էր գորգի վրա)․ ― ես շատ զայրացա, որ նա Ագնեսի վերաբերյալ բան որսաց իմ բերնից, թեև այդ բանը չնչին էր, բայց ինքս ինձ զսպեցի և շարունակեցի սուրճս խմել։

― Ինչ լավ մարգարե եք եղել, միստր Կոպպերֆիլդ, ― շարունակեց Ուրիասը։ ― Աստված իմ, ի՞նչ կանխագուշակ մարգարե։ Հիշո՞ւմ եք ձեր խոսքերը, թե գուցե մի օր ես մր․ Ուիկֆիլդի ընկերակիցը կդառնամ, և մեր գրասենյակը այն ժամանակ «Ուիկֆիլդ ու Հիպ» կկոչվի։ Հավանական է, որ մոռացած լինեք, բայց ինձ նման խոնարհ մարդիկ սովոր են դա գանձի պես մտքում պահել, մաստր Կոպպերֆիլդ։

― Այո, հիշում եմ մի այդպիսի բան, թեև ճիշտն ասած՝ չէի կարծում, թե գուշակությունս կկատարվի։

― Օ՜հ, ո՞վ կարող էր կարծել, թե կկատարվի, միստր Կոպպերֆիլդ, ― գոչեց Ուրիասը եռանդով։ ― Գոնե իմ մտքով այդպիսի բան չէր անցել։ Լավ եմ հիշում, որ ես ինքս այն ժամանակ ձեզ ասացի, թե ես շատ խոնարհ ու չնչին մարդ եմ․ և հավատացեք, ինչ որ ասացի, այն էլ իրոք կարծում էի։

Ուրիասն իր դեմքը չար հոգնությամբ կնճռոտելով կրակին էր նայում, իսկ ես՝ իրեն։

― Սակայն, մաստր Կոպպերֆիլդ, ― սկսեց նա վերստին, ― երբեմն ամենահետին մարդն անգամ կարող է մի բարի բանի գործիք լինել։ Ես գոհ եմ, որ բարության գործիք եմ եղել մր․ Ուիկֆիլդի համար, եղել եմ և դեռ կլինեմ։ Օ՜հ, ինչ պատվական անձ է նա, միստր Կոպպերֆիլդ, բայց և որքա՜ն անխոհեմ էր։

― Ափսոս, ― ասացի ես և նույն րոպեին շեշտելով ավելացրի, ― ամեն ինչի նկատմամբ անխոհեմ։

― Ճիշտ այդպես, միստր Կոպպերֆիլդ, ― վրա բերեց Ուրիասը։ ― Ամեն ինչի նկատմամբ և մանավանդ Ագնեսի՛ նկատմամբ։ Դուք գուցե մոռացած լինեք, մաստր Կոպպերֆիլդ, ձեր ճարտար խոսքերը, բայց ես հիշում եմ ինչպես մի օր ասացիք, թե ամեն մարդ պարտավոր է միս Ագնեսին պաշտել, և որքա՜ն ես շնորհակալ էի այդ գեղեցիկ խոսքերի համար։ Անտարակույս մոռացած կլինեք այս բոլորը, մաստր Կոպպերֆիլդ։

― Ո՛չ, ― ասացի ես չոր֊չոր։

― Ի՜նչ ուրախ եմ, որ չեք մոռացել, ― բացակնչեց Ուրիասը։ ― Որքան քաղցր է մտածել, որ իմ նվաստ կրծքի մեջ առաջին անգամ պատվասիրության կայծ վառողը դուք եղաք, և որ այս բանը մինչև այսօր չեք մոռացել։ Օ՜հ, թույլ կտա՞ք արդյոք դարձյալ մի թաս սուրճ խնդրել։

Այդ կայծի վերաբերյալ բառերը նա այնպիսի շեշտով արտասանեց և արտասանելիս մի այնպիսի հրացայտ աչքով վրաս նայեց, որ ես ակամա սարսուռ զգացի զայրույթից։ Բայց սուրճ խնդրելը, որ բոլորովին ուրիշ եղանակով էր հայտնված, մեղմացրեց ինձ, և ես մի բաժակ էլ տվի նրան։ Տեսնում էի, որ այդ մարդու հետ մաքառելու անզոր եմ, և տագնապով սպասում էի թե ի՞նչ բաներ դեռ կլսեմ նրանից։ Դժվար թե սրտիս հուզումը նրա աչքից ծածուկ մնար։

Ուրիասը լուռ նստած էր, մեկ՝ բաժակը խառնելով, մեկ՝ կրակին նայելով, մեկ՝ աչքերը շուրջը պտտեցնելով, մեկ՝ ոլորելով ու ստրկաբար քծնելով և մեկ՝ նորից սուրճը խառնելով ու ընպելով․ պարզ էր, որ նա ինձ է թողել՝ վերսկսել խոսակցությունը։

― Ուրեմն, ― ասացի ես վերջապես, ― մր․ Ուիկֆիլդը, որ հինգ հարյուր անգամ ավելի արժի, քան թե դուք․․․ և կամ ես (խոստովանում եմ, որ այս ես֊ը շատ ակամա մեջ բերի), նորերս անխոհե՞մ է վարվել։ Իրա՞վ անխոհեմ, մր․ Հիպ։

― Օ՜հ, շատ անխոհեմ, մաստր Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Ուրիասը մի թեթև հառաչելով։ ― Այո՛, շատ անխոհեմ, սակայն կցանկանայի, որ դուք ինձ պարզապես Ուրիաս անվանեիք, առաջվա պես։

― Ուրեմն, Ուրիաս, ― ասացի ես, տհաճությամբ արտասանելով այս անունը։

― Շնորհակա՜լ եմ, ― գոչեց Ուրիասը եռանդով։ ― Շնորհակալ եմ, մաստր Կոպպերֆիլդ։ Երբ դուք ինձ Ուրիաս եք անվանում, ասես թե մի անուշ զեփյուռ է փչում ականջիս կամ թե հնչում հին զանգակների ձայնը։ Խնդրեմ, ներեցեք։ Սակայն ինչ էր ասելիքս․․․

― Ձեր խոսքը մր․ Ուիկֆիլդի մասին էր։

― Այո՛։ Ճիշտ այդպես։ Ա՜հ, նրա վարմունքը շատ անխոհեմ էր, մաստր Կոպպերֆիլդ։ Չէի կամենա այդ մասին ձեզնից բացի, մեկ ուրիշի առջև բան ասել, և ինչ որ կասեմ, միայն մի թեթև ակնարկ կլինի, ոչ ավելի։ Եթե վերջին տարիները իմ տեղը մեկ ուրիշը լիներ, այժմ իր բռունցքի մեջ կպահեր մր․ Ուիկֆիլդին (ի՜նչ պատվական անձ է, սակայն, այդ մարդը)։ Իր բռ․․․ռ․․․ռունցքի մեջ, ― ասաց Ուրիասը, այս բառը երկարացնելով ու ձեռքը սեղանին դեմ տալով։

Նրա բռան ճնշումից սեղանը դողաց, սենյակն էլ հետը։ Եթե այդ միջոցին մր․ Ուիկֆիլդի գլուխն Ուրիասի ծուռ ոտքի տակ տեսնեի, ես ավելի չէի ատի Ուրիասին։

― Այո՛, մաստր Կոպպերֆիլդ, ― շարունակեց նա մեղմ ձայնով, որ սաստիկ հակասում էր նրա ոսկրոտ բռունցքի զորությանը, ― այս մասին կասկածել անգամ չի կարելի։ Եթե ես չլինեի, նա ոչ միայն իր կայքը կկորցներ, այլև վարկը և պատիվը․․․ էլ չասենք ուրիշ շատ բաներ։ Մր․ Ուիկֆիլդն էլ այս լավ գիտի։ Ես միշտ նրա խոնարհ ու հլու ծառան էի, նրա ձեռքի չնչին գործիքը․ և ահա նա ինձ մի այնպիսի բարձր դիրք է տալիս, որին երազումս անգամ չէի տեսել։ Օ՜հ, որքան շնորհապարտ են նրան։

Այս ասելիս նա իր դեմքն իմ կողմը շուռ տալով, սակայն առանց վրաս նայելու, բռունցը սեղանից վերցրեց և սկսեց իր նիհար կզակը հանդարտ շփել, ինչպես որ անում են ածիլվելու ժամանակ։

Չեմ մոռացել, թե ինչպես սիրտս բարկությամբ թնդաց, երբ նայեցի նրա չար դեմքին, մինչ նա կրակի շողքով լուսավորված՝ պատրաստվում էր մի ուրիշ բան հայտնել ինձ։

― Մաստր Կոպպերֆիլդ․․․ ― սկսեց նա, ― սակայն կարծեմ արդեն ուշ է։

― Ո՛չ, ո՛չ։ Ես սովորաբար վաղ չեմ պառկում։

― Շնորհակալ եմ, մաստր Կոպպերֆիլդ։ Այն օրից ի վեր, որ դուք առաջին անգամ հետս խոսելու շնորհ արիք, ես ճիշտն ասած մի քանի աստիճան բարձրացել եմ իմ խոնարհ ու նվաստ վիճակից, բայց դարձյալ խոնարհ եմ, դարձյալ չնչին։ Չեմ էլ կարող ուրիշ կերպ լինել։ Դուք հարկավ խոնարհությունս թյուր կերպով չեք մեկնաբանի, մաստր Կոպպերֆիլդ, եթե մի փոքրիկ գաղտնիք հայտնեմ։ Թյուր չե՞ք մեկնաբանի։

― Ամենևին, ― ասացի ես, բռնադատելով ինքս ինձ։

― Շնորհակալ եմ։

Նա իր թաշկինակը հանեց ու սկսեց ափերը սրբել։

― Միս Ագնեսը, մաստր Կոպպերֆիլդ։

― Հետո՞, Ուրիաս։

― Օ՜հ, որքա՜ն քաղցր է լսել ձեզնից Ուրիաս անունը, ― գոչեց նա ու ափ նետված ձկան նման ցնցվեց։ ― Այս երեկո նա շատ գեղեցիկ էր, չէ՞, մաստր Կոպպերֆլդ։

― Ինչպես և միշտ, ― ասացի ես։ ― Նա իրեն շրջապատողներից ամեն բանով գերազանց է։

― Շատ շնորհակալ եմ, ձեր ասածը լիովին ճշմարիտ է, ― գոչեց Ուրիասը։ ― Օ՜հ, հազար անգամ շնորհակալ եմ։

― Ավելորդ է, ― պատասխանեցի ես գոռոզաբար։ ― Շնորհակալ լինելու առիթ չկա։

― Ինչպե՞ս թե չկա, մաստր Կոպպերֆիլդ, քանի որ հենց դրա համար եմ համարձակվում գաղտնիքս հայտնել, ― ասաց Ուրիասն ու մերթ մատներին, մերթ կրակին նայելով, նորից սրբեց ափերը։ ― Որքան էլ փոքր, աննշան ու չնչին լինեմ ես, որքան էլ խոնարհ լինի մայրիկս, որքան էլ անշուք մեր հասարակ, սակայն ազնիվ ընտանիքը, բայց և այնպես միս Ագնեսի պատկերը (չեմ քաշվում սրտիս գաղտնիքը հայտնել մեզ, մաստր Կոպպերֆիլդ, որովհետև առաջին անգամ ձեզ Տիլբրիի մեջ տեսնելուցս ի վեր մի անզուսպ հակում եմ զգացել դեպի ձեզ) միշտ ապրել է սրտումս։ Օ՜հ, մաստր Կոպպերֆիլդ, եթե գիտենայիք, ի՜նչ մաքուր, սուրբ սիրով եմ պաշտում նրան, իմ Ագնեսին, որի ոտքերի փոշին անգամ կփափագեի համբուրել։

Մտքովս անցավ վառարանից վերցնել կարմրած ունելին և Ուրիասի կուրծքը մխել։ Սակայն այս միտքը հրացանի գնդակի պես իսկույն գլխիցս դուրս թռավ․ իմ առջև պատկերացավ գարշելի հրեշի լեզվով անարգված Ագնեսը և ցասումս զսպեց։ Իսկ Ուրիասը, իր սառը հոգու շարժումներից կծկվելով, նստած էր, և ինձ թվում էր թե նրա մարմինն աչքիս առջև աճում է, ուռչում, և սենյակս՝ նրա ձայնին արձագանք տալով, որոտում։ Եվ հանկարծ, չգիտեմ ինչպես, մի տարօրինակ բան զգացի․ կարծես թե այս բոլորը վաղուց էր եղել, շա՜տ վաղուց, և ես նրա ասելիքն արդեն գիտեմ։

Նրա դեմքին նայելով, ես տեսա, որքան նա իր զորությունը գիտակցում է, և այս հանգամանքը ավելի նպաստեց ինձ լավ մտաբերել Ագնեսի զգուշացումն ու թախանձանքը։ Մի շինծու հանգստությաբ, որ մի րոպե առաջ չէի կարծում թե կարող եմ ձևացնել, հարցրի նրան, թե իր զգացումներն արդյոք հայտնե՞լ է Ագնեսին։

― Օ՜հ, ո՛չ, մաստր Կոպպերֆիլդ, ― պատասխանեց նա, ― ո՛չ, ո՛չ ամենևին։ Ես միայն ձեզ եմ հայտնում։ Տեսնում եք, որ նոր եմ սկսել իմ ոչնչությունից բարձրանալ։ Հիմք ունեմ հուսալու, որ Ագնեսը իր հորը մատուցած օգնության արժեքը կզգա (վստահ եմ, մաստր Կոպպերֆիլդ, որ ես իրոք շատ օգտակար եմ այդ մարդուն) և կտեսնի, թե որքան եմ հարթում նրա ճանապարհն ու ուժ տալիս նրան։ Նա իր հորն այնքա՜ն է սիրում, մաստր Կոպպերֆիլդ (օ՜հ, ինչպես ազնիվ է այս զգացումը մի դստեր կողմից), որ հույս ունեմ, հոր սիրուն ի՛մ վրա էլ քաղցր աչքով կնայի։

Այդ սրիկայի չար մտքերի բոլոր խորությունը չափեցի և հասկացա, թե ինչո՞ւ է երևան հանում դրանք։

― Եթե ցանկանաք գաղտնիքս ծածուկ պահել, մաստր Կոպպերֆիլդ, ― շարունակեց նա, ― և դիտավորությանս չընդիմանաք, դուք մի առանձին շնորհ կանեք ինձ։ Գիտեմ, չեք կամենա վնասել ինձ։ Գիտեմ, թե ինչ աստիճան բարեսիրտ եք․ չէ՞ որ դուք այնպիսի ժամանակ եք ճանաչել ինձ, երբ ես մի անարգ և սինլքոր էակ էի (այսինքն՝ հետին, ինչպես և այսօր եմ), ուստի կարող է պատահել, որ անգիտաբար վնասեք ինձ Ագնեսիս մոտ։ Տեսնո՞ւմ եք, մաստր Կոպպերֆիլդ, ես ասում եմ Ագնեսիս։ Մի երգ կա, ուր ասված է․


«Չեմ ուզում ոչ գահ, ոչ թագ․

Այլ ուզում եմ նրան մենակ»։


Ես հույս ունեմ, որ շուտով նա իմը կլինի։

Սիրելի՜ Ագնես։ Դու, որի ազնիվ ու բարի սրտին ոչ մի տղամարդ արժանի չէ, մի՞թե նրա համար ես աշխարհ եկել, որ այս գարշելի արարածի կինը դառնաս։

― Գիտեք, որ դեռ շտապելու հարկ չկա, մաստր Կոպպերֆիլդ, ― շարունակեց Ուրիասը քծնելով, մինչ ես մտամոլոր նայում էի նրան։ ― Իմ Ագնեսը դեռ նորատի է, և ես ու մայրս, մի վճռական քայլ անելուց առաջ, դեռ հոգալու շատ բան ունենք։ Այժմ պետք է հետզհետե հույսերիս հետ ընտելացնել նրան։ Օ՜հ, որքան շնորհապարտ եմ ձեզ, որ թույլ տվիք սիրտս բանալ։ Չեք կարող երևակայել, թե ինչ թեթևություն է ինձ համար հավատալ, թե դուք մեր դրությունը հասկանում եք և չեք ուզում դժվարություններ պատճառել ինձ, նպատակիս դիմադրել։

Նա ձեռքս բռնեց, որ ես չվստահեցի ետ քաշել, և թաց թաթով սեղմելուց հետո՝ իր անփայլ ժամացույցին նայեց։

― Ա՜հ, աստված իմ, ― ասաց նա, ― մեկից անց է։ Ինչպես շուտ են ժամերը թռչում հին բարեկամների մտերմական խոսակցության մեջ, մաստր Կոպպերֆիլդ։ Արդեն մեկ անց կես է։

― Կարծում էի, թե ավելի ուշ է, ― ասացի ես։

Եվ ասացի, ոչ թե նրա համար, որ իրոք կարծում էի թե ուշ է, այլ որովհետև զրուցելիս համբերությունս հատել էր։

― Ա՛յ անախորժ բան, ― ասաց Ուրիասը մտախոհ։ ― Իմ իջած պանդոկում, որը գտնվում է Նյու֊Րիվըրի մոտերքը, արդեն երկու ժամից ի վեր ամենքը քնած կլինեն։

― Շատ ցավում եմ, ― ասացի ես, ― որ միայն մի անկողին ունեմ, ուրեմն և․․․

― Էհ, ինչացո՞ւ է անկողինը, մաստր Կոպպերֆիլդ, ― գոչեց Ուրիասը ցնծությամբ, մի ոտքը բարձրացնելով։ ― Հո նեղություն չեմ տա ձեզ, եթե կրակի դիմաց՝ հատակի վրա պառկեմ։

― Եթե այդպես է, ― ասացի ես, ― լավ է՝ դուք իմ անկողնում քնեցեք, իսկ ես այստեղ կպառկեմ։

Ուրիասն իր անսահման խոնարհության ու շնորհակալության զգացումները հայտնելով հանդերձ, առաջարկս մի այնպիսի ճիչով մերժեց, որ նրա ձայնը միստրիս Կրոպպին էլ հասավ։ Այդ ժամին նա անշուշտ քնած էր ներքևի հարկում, օրորվելով իր անճիշտ ժամացույցի տիկ֊տակից, որ միշտ վկա էր բռնում, երբ մեր մեջ ճշտության մասին վեճ ծագեր։ Այդ ժամացույցը սովոր էր ամեն օր քառասուն րոպե ետ մնալ, թեև ամեն օր էլ ուղղում էր ամենաստույգ հեղինակությունների համեմատ։ Իմ տագնապալի դրության մեջ ոչ մի բանով չկարողացա Ուրիասի անչափ համեստությունն ընկճել և նրան համոզել, որ ննջարանումս գիշերի, և անճարացած՝ ստիպված եղա կրակի առջև տեղ պատրաստել նրա համար։ Մի բազմոցի մինդար (որ շատ կարճ էր գալիս նրա լեշին), մի քանի հատ բազմոցի բարձ, մի վերմակ, մի սեղանի ծածկույթ, մի մաքուր սփռոց և մի հին վերարկու պետք եղավ նրա անկողինը սարքելու համար, և Ուրիասն անչափ գոհ մնաց։ Ես նրան գիշերային գլխանոց տվեցի․ նա գլխանոցը իսկույն գլխին քաշեց և դրանով այնպես զարհուրելի կերպարանք ստացավ, որ ես որոշեցի էլ երբեք գլխանոց չհագնել։

Այդ գիշերը ես երբեք չեմ մոռանա։ Չեմ մոռանա, թե որքան էի պտույտ գալիս անկողնուս մեջ, Ագնեսի և այդ հրեշի մասին մտածելով, թե ինչպես էի չարչարվում հարցնելով ինձ, թե ի՞նչ կարող եմ ու պարտավոր եմ անել Ագնեսի հանգստությունն ապահովելու համար, և ուրիշ ելք չէի գտնում, բացի ոչինչ չանելուց ու լասծս թաքցնելուց։ Եթե մի վայրկյան էլ նիրհեի, Ագնեսի ուշիմ աչքերն ու նրան սիրով ու ակնառուց դիտող հոր դեմքն էին պատկերանում իմ առջև, ասես թե ինձից օգնություն խնդրելով, և մարմինս սարսռում էր։ Սթափվելուս պես միտքս էր գալիս, որ Ուրիասն է պառկած կից սենյակում, և այս միտքը կապարի ծանրությամբ ճնշում էր ինձ, և ես զարհուրում էի, ասես թե գիշերվա հյուրս մի չարանենգ դև լիներ։

Ունելին էլ անդադար քունս վրդովում էր և մտքիցս չէր դուրս գալիս։ Կես֊քուն, կես֊արթուն դրության մեջ տեսա կաս֊կարմիր ունելին և Ուրիասի մարմնի մեջ մխեցի։ Դա մի ցնորք էր, և զգում էի, որ ցնորք է, բայց և այնպես տագնապած վեր կացա Ուրիասին նայելու։ Նա մեջքի վրա փռված էր՝ ոտքերը պատին դեմ տված և գազանային երախի նման բաց բերանով խռմփում էր։ Նրա պատկերը իսկապես ավելի ահռելի էր, քան իմ տենդային զառանցանքում․ այնուամենայնիվ, գարշանքիս հակառակ, ամեն կես ժամ վեր էի կենում նորից նրան նայելու համար։ Բայց գիշերը դարձյալ անվերջ էր, դարձյալ ծանր ու խռովիչ, և խավար երկինքը հենց իմանաս բնավ չէր ուզում լուսանալ։

Երբ Ուրիասն առավոտյան հեռացավ (փառք աստծու՝ չուզեց նախաճաշել), ինձ թվաց թե գիշերն էլ նրա հետ միասին անհետացավ։ Դոկտորների Համայնքը գնալիս, ես պատվիրեցի մրս․ Կրոպպին բոլոր պատուհանները բանալ, որպեսզի Ուրիասի շնչով ապականված սենյակիս օդը բոլորովին մաքրվի։


Զ․ գլուխ

Գերի եմ ընկնում


Մինչև Ագնեսի մեկնելու օրը չէի տեսել Ուրիաս Հիպին։ Երբ Ագնեսին հրաժեշտ տալու համար, դիլիժանսների կայանը գնացի, Ուրիասն էլ այնտեղ էր․ նա նույն կառքով Կենտրբըրի պիտի վերադառնար։ Ինձ համար մի թեթև սփոփանք էր, որ նա իր հին ու կարճ թիկնոցով և վրանի նման հովանոցով բարձրացավ կառքի ետնամասի վրա, մինչ Ագնեսը բնականաբար ներսումն էր նստած, և ես անշուշտ այդ սփոփանքին արժանի էի այն ջանքերիս փոխարեն, որ անում էի նրա հետ քաղաքավարի լինելու համար՝ գոնե Ագնեսի ներկայությամբ։ Ինչպես որ մր․ Ուատրբրուկի ճաշի ժամանակ, այնպես էլ այժմ Ուրիասը իբրև մի գիշատիչ անգղ կառքի վրա թառած՝ մեզ էր դիտում, Ագնեսի ու իմ փոխանակած ամեն մի բառը որսալով։

Այն վրդովեցուցիչ ազդեցության ներքո, որ արել էր վրաս Ուրիասի խոստովանությունը վառարանի մոտ, հաճախ հիշում էի Ագնեսի խոսքերն ընկերակցության մասին, թե՛ «Ես այն արի, ինչ որ արդար համարեցի։ Զգալով, որ հորս հանգստության համար այս զոհաբերությունն անհրաժեշտ է, հավանություն տվի նրան»։ Այն օրից ի վեր ինձ տանջում էր մի դժնադակ նախազգացում, թե Ագնեսը, միևնույն զգացման տեղի տալով, մի ուրիշ զոհաբերություն էլ հանձն կառնի հոր համար։ Ես գիտեի, թե որքան է սիրում նրան․ գիտեի, թե ինչ անձնվիրության ընդունակ է նրա սիրտը։ Իր խոսքերից գիտեի, որ նա իր հոր սխալների համար՝ ինքն իրեն մեղադրելով, փափագում է պարտահարույց լինել նրան։ Ինձ համար մխիթարանք չէր, որ նա այնքան տարբերվում էր թթագույն թիկնոց հագաց գարշելի էակից․ չէ՞ որ հենց այդ տարբերության մեջ էր վտանգը․ մեկի մաքուր, բոլորանվեր անձնազոհության և մյուսի զազիր ստորության մեջ։ Ուրիասը հարկավ այս բոլորը լավ գիտեր և անտես չէր թողել իր նենգամիտ հաշիվների մեջ։

Բայց և այնպես ես այնքան հավատացած էի, որ զոհաբերության հետևանքի մասին ակնարկելն անգամ Ագնեսի բախտը կթունավորի, և այնքա՜ն վստահ, որ նա դեռ ոչ մի բանից կասկած չունի և վտանգը չէ կռահում, որ անշուշտ նրան կվիրավորեի, եթե փորձեի զգուշացնել նրան իրեն սպառնացող չարիքից։ Այս էր պատճառը, որ մենք իրար հետ բաժանվեցինք առանց որևէ բացատրության․ նա ձեռքը շարժելով ժպտում էր ինձ կառքի միջից․ իսկ նրա չար դևը գալարվում էր կառքի վերևի նստարանում, կարծես հրճվելով, որ արդեն իր հաղթական ճանկերի մեջ է բռնել նրան։

Երկար ժամանակ չէի կարողանում այս հրաժեշտի տեսարանը մոռանալ։ Երբ Ագնեսից նամակ ստացա, թե նա հաջող տուն է հասել, դարձյալ ես նույն ողբալի դրության մեջ էի, ինչպես և նրա մեկնելու րոպեին։ Հենց որ սկսում էի մտմտալ Ագնեսի վիճակն էր միտքս գալիս, և թախիծս սաստկանում էր։ Գիշեր չկար, որ նրա դրությունը քնիս հանգիստը չվրդովեր։ Այս բանը կյանքիս մի մասն էր դարձել, նույնպես անբաժան իմ հոգուց, ինչպես որ գլուխս մարմնից։

Եվ ես վշտերս փարատող մարդ չունեի։ Ստիրֆորթն, իր նամակի ասելով, Օքսվորդումն էր, և ես Դոկտորների Համայնքից դուրս, գրեթե միշտ մենակ էի։ Կարծեմ այս միջոցին էր, որ սրտիս մեջ մի տեսակ կասկած ընկավ Ստիրֆորթի վերաբերմամբ։ Ես նրան մի մտերմական պատասխան գրեցի, թեև ճիշտն ասած, գոհ էի, որ նա Լոնդոնից բացակա է։ Երևի թե գոհ լինելուս պատճառն այն էր, որ Ագնեսի ազդեցությունն իմ վրա, Ստիրֆորթի ներկայությունից հակակշիռ չընդունելով, ամեն օր զորանում էր, և դարձայլ նա էր բոլոր մտքերիս ու հոգսերիս առարկան։

Սակայն օրերն ու շաբաթները սահում էին։ Ես արդեն մի հաստատուն պաշտոն էի ստացել Սպընլոյի ու Ջորկինսի մոտ։ Տատս նշանակել էր տարեկան իննսուն ստեռլինգ (բացի բնակարանիս վարձը ու մի քանի ուրիշ պետքերս հոգալուց)։ Սենյակներս արդեն մեկ տարով վարձված էին, և թեպետ երեկոները նրաք բավական տխուր էին, բայց ես վերջ ի վերջո սովորել էի զվարճություն գտնել սուրճի մեջ, որ կյանքիս այդ միջոցին ոչ միայն գավաթներով, այլ կարծեմ և լիտրերով էի սպառում։ Մոտավորապես այդ ժամանակին են վերաբերում և իմ արած երեք գյուտերը, նախ որ մրս Կրոպպն իր ասելով ենթակա է «spazzums» (spasme, պրկումն) կոչված տարօրինակ հիվանդության, որին միշտ քթի բորբոքումներ էր հաջորդում, և որ չէր կարելի որևէ բանով բժշկել, բացի պեպրմինտից.[35] երկրորդ, որ շտեմարանիս օդը մի ուրույն հատկություն ունի, որի շնորհիվ օղիով շշերիս խցաններն անդադար դուրս են թռչում․ երրորդ, որ այս աշխարհում ես մենակ եմ և շատ տրամադիր՝ անգլիական քերթվածներով արձանագրել կացությունս։

Պաշտոնի մեջ հաստատվելուս օրը ոչ մի հրավերք չեղավ, ես բավական համարեցի միայն սենդուիչ ու խերես առաջարկել գրագիրներին պաշտոնատան սենյակում և թատրոն գնալ երեկոյան։ Բեմադրում էին «Օտարական» ողբերգությունը, որ ահ ու սարսափ ազդեց վրաս, և երբ տուն վերադարձա, հազիվ էի կարողանում հայելու մեջ ինքս ինձ ճանաչել։ Նույն իսկ օրը, մր․ Սպընլոն գրասենյակը փակելիս ասել էր ինձ, թե շատ ուրախ կլինի տեսնել ինձ իր տանը՝ Նորվուդում, մեր բարեկամությունը տոնելու համար․ բայց թե դժբախտաբար տունը դեռ չէր կարգավորված, որովհետև իր աղջիկը, որ նոր էր Փարիզում իր ուսումն ավարտել, տակավին բացակա է։ Հենց որ նա վերադառնա և տնտեսության զեկն իր ձեռքն առնի, մր․ Սպընլոն պատիվ կունենա ինձ իր մոտ հրավիրելու։ Ես գիտեի, որ մր․ Սպընլոն այրի է և միայն մի դուստր ունի, և շնորհակալ եղա հրավերի համար։

Մր․ Սպընլոն խոսքը պահեց։ Մի երկու շաբաթ անցնելուց հետո, նա հիշեց իր խոստումն ու ասաց, թե անչափ երջանիկ կլինի, եթե շնորհ բերեմ իր մոտ առաջիկա շաբաթ օրը ու մինչև երկուշաբթի իր տանը մնամ։ Հասկանալի է, որ լիակատար հոժարություն հայտնեցի․ նա առաջարկեց իր կառքով տանել ինձ ու ետ բերել։

Պայմանավորված օրը որ հասավ, ձեռքիս պայուսակն անգամ մի հարգելի առարկա դարձավ ստորադրյալ գրագիրների աչքում, որոնց համար Նորվուդի տունը մի խորհրդավոր սրբավայր էր։ Նրանցից մեկը հաղորդեց ինձ, թե իր լսածին նայելով՝ մր․ Սպընլոյի սեղանի սպասքը բացառապես արծաթից են ու ճենապակուց․ մյուսն ակնարկեց, թե նրա ճաշին, շամպայնից բացի, ուրիշ գինի չեն վայելում։ Մր․ Տիֆը անունով ծեր գրագիրը իր ծառայության երկար տարիների ընթացքում շատ անգամ էր մր․ Սպընլոյի ապարանքը տեսել և մինչև անգամ նրա ճաշասենյակը ոտք դրել։ Մր․ Տիֆըի նկարագրությումբ այդ տունը մի շքեղ ու հոյակապ պալատ է, ուր ինքը պատիվ է ունեցել հյուրասիրվելու Հնդկաստանի թուխ շերիով [36] որի հրաշալի համը տեսնելուդ պես աչքերդ ակամա քթթում են։

Այդ օրը մի հետաձգված գործ էր քննվում Կոնսիստորի Ատյանում՝ մի հացթուխ հրաժարվել էր թաղական խորհրդին մայթի հարկ վճարելուց, և որովհետև այս հին գործը, իմ կարծիքով, նույնիսկ Ռոբինզոն Կրուզոյից երկու անգամ երկար էր, հետևաբար վճիռը փոքր֊ինչ ուշ կայացավ։ Բայց և այնպես հացթուխը ծխականների համայնքից վեց ամսով արտաքսելու և դատական ծախքերը վճարելու պատիժ ստացավ․ այնուհետև ատյանի դատախազը, դատավորներն ու հացթուխի փաստաբանները (բոլորն էլ իրար հետ խնամի) միասին գյուղ գնացին, իսկ ես ու մր․ Սպընլոն իր կառքով հեռացանք։

Դա մի հիանալի կառք էր։ Ձիերը սիգալով վզերը ծռում էին ու ժիր֊ժիր ոտքերը դոփում․ անշուշտ զգում էին, որ Դոկտորների Համայնքին են պատկանում։ Համայնքի անդամների մեջ պերճության խնդրում մի ահագին մրցում կար, և շատերը կարող էին իրենց կառքի շքեղությամբ պարծենալ։ Սակայն ճշմարիտ մնալու համար, ես միշտ ասել եմ և կասեմ, թե իմ օրով մրցակցության ամենամեծ առարկան օսլան էր։ Համարձակ կարելի է պնդել, որ յուրաքանչյուր դատավոր ու փաստաբան այնքան շատ օսլա էր կրում, ինչքան որ մարդկային ուժը կտաներ։

Շատ ուրախ առաջ էինք սլանում, և մր․ Սպընլոն մի քանի կարևոր ակնարկներ արեց պաշտոնիս մասին։ Նա ասաց, թե աշխարհիս երեսին դրանից ազնիվ պաշտոն չկա և թե դա պետք չէ փաստաբանի կոչման հետ շփոթել․ թե մերը անհամեմատ գերազանց է, ավելի որոշ է, ավելի պարզ և գլխավորը՝ շատ ավելի շահաբեր։ Մենք ամեն բան թեթև ենք քննում Համայնքում, և դրա շնորհիվ հասարակության մեջ մի արտոնյալ ու բացառիկ դասակարգ ենք։

― Հարկավ չի կարելի այն ցավալի հանգամանքը թաքցնել, ― ասաց նա, ― որ շատ անգամ մեզ աշխարհական փաստաբանի տեղ են դնում․ բայց և այնպես մի բան հաստատ է, որ աշխարհական փաստաբանները ընդհանուր առմամբ սառը մարդիկ են, և Դոկտորների Համայնքի յուրաքանչյուր պարտաճանաչ պրոկտր կամ գործակալ իրավունք ունի բարձրից նայելու նրանց վրա։

Հարցրի մր․ Սըպնլոյին, թե ո՞րն է ամենից ընտիր գործը Դոկտորների Համայնքում։ Պատասխանեց, թե անշուշտ ամենից լավը կտակների առթիվ ծագող դատերն են, ուր, օրինակի համար, երեսուն կամ քառասուն հազար ատեռլինգ արժող մի փոքր կալվածքի խնդիր կա։ Այսպիսի դեպքերում դատավարության ամեն մի քայլը շահաբեր է․ յուրաքանչյուր հարցուփորձին թեր ու դեմ ցուցումերը և փաստերը դիզվում են և թղթերից ամբողջ լեռներ են գոյանում, գործը մեկ ատյանից մյուսն է անցնում, երբեմն նույնիսկ Համայնքների ու Լորդերի Պալատը, և որովհետև վիճող կողմերը հավատացած են, թե գործը կտանեն, ուստի և բոլոր ծախքերը սիրով ու եռանդով վճարում են։ Այնուհետև մր․ Սպընլոն մի ընդհանուր ներբող նվիրեց Դոկտորների Դատարանին։

― Ամենից ավելի զարմանալին Դոկտորների Դատարանում, ― ասաց նա, ― նրա միաձուլությունն է, նրա միության ու համերաշխության ոգին է։ Դոկտորների Համայնքի պես կանոնավոր դատարան հազիվ թե գտնվի աշխարհում։ Նրա մեջ հանգստության ու դյուրության գաղափարն է մարմնացած։ Օրինակի համար, դուք մի ապահարզանի գործ ունեք Կոնսիստորում։ Շատ լավ։ Գործը հանդարտ կերպով ծանր ու բարակ, ընտանեբար քննվում է Կոնսիստորի Ատյանում։ Դիցուք թե գոհ չեք Կոնսիստորից․ ի՞նչ կանեք այդ դեպքում։ Հարկավ Կամարների Ատյանին կդիմեք։ Շատ լավ։ Սակայն Կամարների Ատյանն ի՞նչ է։ Միևնույն դատարանը, միևնույն դահլիճում, միևնույն անջրպետով, միևնույն փաստաբաններով, միայն թե մի ուրիշ դատավորով, որովհետև Կոնսիստորի դատավորը կարող է արդեն փաստաբան հանդիսանալ Կամարների Ատյանում։ Այնտեղ էլ սկսվում է նույն ընտանեկան խաղը, նույն կարգով։ Բայց դուք դարձյալ դժգոհ եք։ Շատ լավ։ Ի՞նչ կմնա ձեզ անել։ Դիմել անշուշտ եկեղեցական փոխանորդներին։ Սակայն այդ փոխանորդները ովքե՞ր են։ Պարապ, անգործ փաստաբաններ, որոնք արդեն տեսել են, թե առաջին երկու ատյաններում թղթերն ինչպե՞ս են կտրվել, բաժանվել ու խաղացվել, և որոնք բոլոր մասնակիցների հետ հանգիստ խոսել են խաղի մասին։ Այժմ նրանք են առաջ գալիս, իբրև թարմ ու նոր դատավորներ, որպեսզի ամենքի համար գոհացուցիչ վճիռ դնեն։ Անպատկառ լեզուները կարող են ասել, թե Համայնքը կաշառակեր է, թե Համայնքը գաղտնապահ է, թե անհրաժեշտ է հիմնիվեր վերանորոգել Համայնքը։ Սակայն, ― հանդիսավոր ձևով վերջացրեց մր․ Սպընլոն, ― երբ ցորենի գինը սոսկալի բարձրացել էր, ո՞վ ամենից շատ այդ խնդրի քննությամբ զբաղվեց, եթե ոչ Դոկտորների Համայնքը։ Ձեռքս կրծքիս դնելով, ամբողջ աշխարհի առջև համարձակ կասեմ․ «Դիպուկ միայն Համայնքին, և Անգլիան կորած է»։

Ուշի֊ուշով ականջ էի դնում այդ բոլորին և թեպետ լավ չէի հասկանում, թե իսկապես ո՞ր երախտյաց համար է Անգլիան շնորհապարտ Դոկտորների Համայնքին, այնուամենայնիվ, մր․ Սպընլոյի կարծիքն ակնածությամբ ընդունեցի։ Իսկ գալով ցորենի գնին, համեստաբար զգում էի, որ այս զորավոր փաստը իմ տկար խելքի հասկանալու բանը չէ։ Տարիների ընթացքում շատ անգամ եմ առիթ ունեցել ուսումնասիրելու ցորենի վաճառման տնտեսական օրենքները, սակայն պիտի խոստովանեմ, որ ինձ համար մինչև հիմա մի անլուծելի գաղտնիք է, թե ցորենի գնի բարձրանալու կամ իջնելու մեջ ի՞նչ մաս ուներ հատկապես Դոկտորների Համայնքը։

Սա մի փոքրիկ շեղում է։ Ես հարկավ չէի կամենա Համայնքի պատիվը շոշափել և Անգլիայի կործանման պատճառ դառնալ։ Տարիքով ու փորձով ինձնից ավագ մեծավորիս կարծիքներին ես լուռ հնազանդությամբ հավանություն տվի․ այնուհետև մեր խոսակցության նյութը դարձավ իմ տեսած «Օտարականը», առհասարակ ողբերգությունը, կառքին լծած ձիերի զույգը, և այսպես եկանք հասանք մր․ Սպընլոյի դարբասին։

Մր․ Սպընլոյի տան առաջ մի սիրուն պարտեզ էր տարածվում․ չնայած տարվա եղանակին, նա դեռ այնպես լավ էր պահված, որ հիացրեց ինձ։ Պարտեզում կային սիրուն մարգեր, ծառերի թավուտ խմբեր, ոլորապտույտ ու ստվերաշատ շավիղներ՝ ցանցապատ կամարներով, որոնց վրա գարնանը անշուշտ պատատուկներ ու ծաղիկներ էին բուսնում։ «Երևի միս Սպընլոն սովորաբար այդտեղ է զբոսնում, ― անցավ մտքովս։ ― Օ՜հ, աստված իմ»։

Ներս մտանք․ տունը պայծառ լուսավորված էր․ և նախասենյակում ես տեսա ամեն տեսակ գլխարկներ, վերարկուներ, թիկնոցներ, պլեդներ, ձեռնոցներ, մտրակներ ու գավազաններ։ «Որտե՞ղ է միս Դորան», ― հարցրեց սպասավորին մր․ Սպընլոն։ «Դորա, ― մտածեցի ես։ ― Ի՜նչ սիրունիկ անուն է»։

Ոտք դրինք մերձակա սենյակը (երևի թե այն իսկ սենյակը, որ ծեր գրագրի վայելած Հնդկաստանի թուխ շերիով էր անվանի), և ականջիս մի ձայն հասավ, որ ասում էր․ «Մր․ Կոպպերֆիլդ, ահա իմ դուստր Դորան, ահա և Դորայիս ընկերուհին»։ Անշուշտ մր․ Սպընլոյի ձայնն էր այն, սակայն չիմացա թե ո՞ւմն էր․ ումն էլ լիներ, ինձ ի՞նչ փույթ։ Բանս արդեն պրծած էր, ճակատագիրս նույն վայրկյանին որոշված։ Ես գերված էի, ստրուկ էի, ուշք ու միտքս թռցնելու չափ սիրահարված միս Դորա Սպընլոյին։

Նա մարդկային արարած չէր, ո՛չ։ Մի հավերժահարս էր, մի ոգի էր, մի փերի ― էլ չգիտեմ՝ մի այնպիսի բան, որ ոչ ոք երբեք չի տեսել, բայց որին միշտ կարոտ է ամեն մարդ։ Մի ակնթարթում ես վառ սիրո անդունդի մեջ գահավիժեցի։ Ո՛չ ժամանակ կար դրա եզերքին կանգնելու, ո՛չ էլ առաջ և կամ ետ նայելու․ դեռ օրիորդին մի խոսք չասած՝ ես այդ վիհը գլորվեցի։

― Ես առաջ էլ տեսել եմ մր․ Կոպպերֆիլդին, ― ասաց մի ծանոթ ձայն, մինչ գլուխ էի տալիս չգիտեմ թե ինչ մրմնջալով։

Այդ ասողը Դորան չէր։ Ո՛չ․ այլ նրա մտերիմ ընկերուհին՝ միս Մեորդստոնը։

Սակայն այս անակնկալ հանդիպումից ես կարծեմ չշփոթվեցի։ Որքան հիշում եմ իմ մեջ այլևս շփոթվելու կամ ապշելու կարողություն չէր մնացել։ Այս նյութական աշխարհում Դորայից զատ բան չկար, որ ապշության կամ զարմանքի արժանի լիներ։

― Ինչպե՞ս եք, միս Մեորդստոն, ողջ առո՞ղջ։

― Լիովին առողջ, ― պատասխանեց նա։

― Իսկ մր․ Մեորդստոնը ինչպե՞ս է։

― Շնորհակալ եմ, եղբայրս էլ քաջառողջ է։

Ապա թե մր․ Սպընլոն, որ կարծեմ շվարած էր մեր իրար ճանաչելը տեսնելով, ասաց․

― Ուրախ եմ, մր․ Կոպպերֆիլդ, որ դուք ու միս Մեորդստոնը իրար հետ արդեն ծանոթ եք։

― Մր․ Կոպպերֆիլդն ու ես իրար փոքր ինչ մոտիկ ենք, ― ասաց միս Մեորդստոնը խիստ ձայնով։ ― Մի ժամանակ լավ ծոնթ էինք։ Այդ նրա մանկության օրերումն էր։ Այնուհետև հանգամանքները մեզ բաժանեցին։ Ես կդժվարանայի ճանաչել նրան։

Իսկ ես ասացի, թե միշտ և ամեն տեղ կճանաչեի նրան, և այս լիովին ճշմարիտ էր։

― Միս Մեորդստոնը, ― ասաց մր․ Սպընլոն, ինձ դիմելով, ― բարություն ունի, եթե ներվի այսպես ասել, ընկերուհու պաշտոն վարելու իմ դստեր մոտ։ Դորաս դժբախտաբար որբ է մորից, և այժմ միս Մեորդստոնն է նրա ընկերն ու պաշտպանը։

Մտքովս անցավ, որ միս Մեորդստոնը կենսապահ (life-preserver) ասված գործիքի նման շատ ավելի մեկի վրա հարձակվելու պիտանի էր, քան թե ումևիցե պաշտպանելու։ Սակայն Դորային նայելուս պես այս գաղափարը մի խուսափուկ ստվերի նման չքացավ։ Դորայից բացի, ոչ մի բան չէր կարող երկար գրավել իմ միտքը։ Նրա փոքր֊ինչ կայտառ ու քմահաճ շարժումներն առիթ էին տալիս կարծելու, թե նա շատ գոհ չպիտի լիներ իր ընկերակցից կամ պաշտպանից։ Այդ րոպեին զանգակը հնչեց, որը, մր․ Սպընլոյի ասելով, ճաշի առաջին հրավերն էր, և մենք գնացինք մեր հանդերձը փոխելու։

Գնա ու հանդերձ փոխիր և կամ մի ուրիշ բան արա, երբ վառված ես անհուն սիրո բոցերով։ Ես կարող էի միայն նստել և պայուսակիս բանալին ատամներիս մեջ բռնած՝ հրապուրիչ, հրաչյա, կուսական, չնաշխարհիկ Դորայի մասին մտածել։ Օ՜հ, ի՜նչ իրան, ինչպիսի՜ դեմք, ի՜նչ հրաշագեղ, ի՜նչ շնորհալի ու դյութական շարժումներ։

Զանգակը երկրորդ անգամ հնչեց և այնպես շուտ, որ ես կարողացա միայն հապճեպ շորերս հագնել՝ փոխանակ ուշի֊ուշով հարդարելու, ինչպես որ այն պարագայում պետք էր անել, և ներքև իջա։ Ճաշարանում հավաքված էին մի քանի մարդիկ։ Դորան խոսում էր մի ալևոր պարոնի հետ։ Չնայելով ալևորի հասակին ու թոռներին (նա ինքն էր ասում, թե պապ է), ես մոլեգին խանդ զգացի դեպի նա։

Ինչպե՞ս նկարագրեմ հոգուս վիճակը։ Ես ամենքին նախանձում էի։ Չէի կարող մարսել, թե կան մարդիկ, որոնք ինձնից ավելի են մր․ Սպընլոյին ճանաչում։ Բարկությունս գալիս էր, երբ նրանք այնպիսի բաներ էին խոսում, որոնց հետ ես առնչություն չունեի։ Երբ մի հերաթափ, ճաղատ պարոն սեղանի հակառակ կողմից սիրալիր հարցրեց ինձ, թե արդյոք այս առաջին անգա՞մն է, որ տեսնում եմ մր․ Սպընլոյի պարտեզը, ամեհի կատաղությունից չգիտեի թե ի՞նչ անեմ նրան։

Չեմ հիշում, թե էլի ովքեր կային այնտեղ, բացի Դորայից։ Չեմ մտաբերում, թե ի՞նչ կերակուրներ մատուցեցին մեզ՝ Դորայից բացի։ Ինձ թվում էր, թե միայն Դորային եմ ճանաչում, նրանով միայն կշտանում․ գոնե հինգ֊վեց պնակ առանց դիպչելու անցկացրի։ Ես նստած էի նրա կողքին։ Խոսում էի միայն նրա հետ։ Դորան ամենազվարթ ձայնիկն ուներ, վարակիչ ժպիտ, գրավիչ ձևեր։ Մի՞թե կարելի էր ինձ նման երիտասարդին՝ նրա գերին, նրա ստրուկը չդառնալ։

Երբ նա միս Մեորդստոնի հետ ճաշարանից հեռացավ (ուրիշ տիկնայք չկային այնտեղ), ես զմայլական ցնորքների մեջ ընկա, որոնք միայն այն դառն կասկածով էին պղտորվում, թե միս Մեորդստոնը Դորայի մոտ վարկս կկոտրի։ Բարի դեմքով ճաղատ պարոնը ինձ մի երկար բան պատմեց, որ կարծեմ պարտիզպանության էր վերաբերվում։ Գոնե հիշում եմ, որ մի քանի անգամ «իմ պարտիզպանը» խոսքերը կրկնեց։ Ցույց էի տալիս, թե ամենախոր ուշադրությամբ լսում եմ նրան, բայց մտքերս Դորայի հետ զբոսնում էին եդեմական պարտեզում։

Իմ պաշտած էակի առջև զրպարտվելուս կասկածը է՛լ ավելի սաստկացավ, երբ դահլիճ մտանք, ուր նստած էր ահարկու միս Մեորդստոնը։ Սակայն մի անակնկալ դիպվածով այս երկյուղս փարատվեց։

― Դավիթ Կոպպերֆիլդ, ― ասաց միս Մեորդստոնը, ― հարկ չկա երկար խոսելու մեր ընտանեկան դեպքերի մասին։ Դրանք շատ գրավիչ նյութեր չեն։

― Անենևին, ― ասացի ես։

― Այո, բնավ գրավիչ չեն, ― կրկնեց միս Մեորդստոնը։ ― Չեմ կամենում հին կռիվների, անցած֊գնացած թշնամանքների հիշատակը նորոգել։ Ես վիրավորանք կրեցի մի անձից․․․ որ դժբախտաբար իմ սեռին է պատկանում և որի մասին չեմ կարող առանց բարկության խոսել․ ուստի լավ է նրա անունը չհիշենք։

Տատիս պատվին դիպչող ակնարկը լսելուս պես՝ պատրաստ էի բորբոքվել, բայց խոհեմություն ունեցա այս միայն ասելու, թե միս Մեորդստոնը լավ կանի, եթե բնավ չհիշատակի այն անձին, որովհետև ես չեմ հանդուրժի, որ անպատկառ լեզվով խոսեն նրա մասին։

Միս Մեորդստոնը աչքերը փակեց և գոռոզաբար գլուխը հակեց․ հետո աչքերը հանդարտ բանալով, շարունակեց․

― Դավիթ Կոպպերֆիլդ, չեմ ուզում թաքցնել, որ ես ձեր մասին աննպաստ կարծիք ունեի այն ժամանակ, երբ դուք մանուկ էիք։ Գուցե սխալվում էի և կամ գուցե դադարել եք արդարացնել կարծիքս։ Համենայն դեպս, հին դարմանը քամուն չտանք։ Այս մասին այժմ ոչ մի խոսք թող չլինի մեր միջև։ Ես անդամ եմ մի այնպիսի գերդաստանի, որ կարծեմ իր հոգու հաստատությամբ հայտնի է, և ես այն էակը չեմ, որ մի չնչին դեպքի պատճառով փոխվեի։ Ես կարող եմ ձեր վերաբերմամբ իմ կարծիքն ունենալ, դուք էլ ձերը՝ իմ վերաբերմամբ։

Այժմ ես հակեցի գլուխս։

― Սակայն, ― հարեց միս Մեորդստոնը, ― պետք չէ, որ մեր կարծիքներն այստեղ իրար ընդհարվեն։ Ներկա պարագաներում լավ կլինի, եթե նրանք չընդհարվեն։ Քանի որ մենք կյանքի բերումով նորից իրար պատահեցինք, և գուցե դարձյալ այսպիսի բան կրկնվի, լավ կանենք, եթե իրար հետ իբրև հասարակ ծանոթներ վարվենք։ Հոժա՞ր եք։

― Միս Մեորդստոն, ― ասացի ես, ― դուք և ձեր եղբայրը շատ անգութ էիք վարվում ինձ հետ, շատ էիք տանջում մայրիկիս։ Այս կարծիքը մինչև կյանքիս վերջին շունչը չպիտի փոխեմ։ Բայց և այնպես ձեր առաջարկն ընդունում եմ։

Միս Մեորդստոնը աչքերը վերստին փակեց ու գլուխը թեքեց։ Հետո իր կոշտ ու սառն մատի ծայրով ձեռքիս դիպավ և հեռացավ, իր դաստակի ու վզի մանր շղթաները շտկելով, որոնք իսկ և իսկ այն դիրքն ունեին, ինչպես և մեր նախորդ հանդիպման միջոցին։ Նրանք հիշեցրին ինձ բանտի դռան վրա դրսից կախվող շղթաներն ու կապանքները, որոնք անցվորին իմաց են տալիս, թե ի՞նչ կարող է նա ներսը գտնել։

Երեկույթի մյուս հիշատակներից մտքիս մեջ այս է մնացել հատկապես, որ սրտիս թագուհին կիթառի նման մի սիրուն գործիքի դաշնակցությամբ հիանալի ֆրանսերեն երգեր էր երգում, որոնց ընդհանուր իմաստն այն էր, թե ինչ էլ աշխարհումս պատահի, մեր պարտքն է միշտ պարել֊ տրա֊լա֊լա, տրա֊լա֊լա։ Ես լողում էի երանության զառանցանքի ալիքներում։ Օշարակի ու մրգերի վրա նայելն անգամ ատելի էր ինձ, իսկ պունչը՝ զզվելի։ Երբ միս Մեորդստոնը դիցուհուս տանելու եկավ, սա ժպտաց և իր վարդագույն թաթիկը ինձ մեկնեց։ Հայելու մեջ դեմքս ապուշ ու տխմար էր երևում։ Վերջապես իմ սենյակը քաշվեցի և խելացնոր դրության մեջ անկողին մտա, լուսադեմին դեռ մտքերս մոլորված էին։

Սքանչելի էր առավոտը․ ես ուզեցի մի պտույտ անել պարտեզում և նազելի կույսի մասին մտածելով հոգիս պալարել։ Գավթից անցնելիս տեսա նրա շնիկին՝ Ջիպին, նվազանունը Ջիպսի։[37] Փաղաքշելով մոտեցա նրան, որովհետև նա էլ ինձ սիրելի էր, բայց շնիկը ատամները կրճտեց, մռմռաց և նստարանի տակ մտավ․ բնավ չուզեց փաղաքշանքներս ընդունել։

Այգին զով ու լռիկ էր։ Շրջում էի այն երջանկությունը երազելով, որ պիտի զգայի, եթե ես բախտի բերմամբ մր․ Սպընլոյի գերահարաշ դստեր հետ նշանվեի։ Գալով ամուսնության, օժտին, իմ ու հարսի կարողության և ուրիշ նյութական հաշիվներին, ես նույնչափ անմեղ էի, որչափ և մանուկ Էմլիին սիրած օրերին։ Պարզ անվանել նրան «Դորա», նամակներ գրել նրան, սիրել, պաշտել, վստահ լինել, թե նա ուիշների շրջանում անգամ ինձ կհիշի՝ այս է ըստ իս մարդկային երջանկության կատարը։ Ես այդ միջոցին մի անմիտ, դյուրագորով տղա էի․ բայց զգացումներս այն աստիճան սուրբ էին, որ ինչքան էլ այժմ ծիծաղելի երևան, մտքովս անգամ չի անցնում նրանց հիշատակն արհամարհել։

Մինչ այդպես զբոսնում էի, հանկարծ նրան հանդիպեցի մի ծառի տակ։ Այսօր էլ դեռ այդ հանդիպումը հիշելիս սարսուռ եմ զգում և գրիչը մատներիս մեջ դողում է։

― Ի՜նչ վաղ եք․․․ վեր կացել․․․ միս Սպըփնթոնլո, ― ասացի ես։

― Էհ, սենյակի օդն այնպես ծանր է, ― ասաց նա, ― և միս Մեորդստոնը այնպես բթամիտ։ Նրա հիմար փնթփնթոցին նայելով, մինչև որ եղանակը չպարզվի, տանից դուրս գալ չի կարելի։ Չի կաելի։ ― Այս ասելիս նա քրքրջաց ամենահնչուն ձայնիկով։ ― Կիրակի առավոտ ես դաշմամուր չեմ նվագում․ ուրեմն մի բան անել պե՞տք է, թե չէ։ Եվ ահա զբոսնում եմ։ Հայրիկիս էլ երեկոյան ասացի, թե պիտի զբոսնեմ։ Օրվա այս զվարթ ժամին որ ման չգաս, էլ ե՞րբ։ Ի՞նչ եք կարծում։

Վրաս քաջություն եկավ ասելու և ասացի (թեպետ և կակազելով), թե եղանակը շատ պայծառ է, թեև մի րոպե առաջ շատ միգապատ էր թվում ինձ։

― Այդ ի՞նչ է, ― հարցրեց Դորան, ― կոմպլիմենտ եք ուզում անել, թե եղանակն իրոք փոխվել է։

Եվս ավելի կակազելով պատասխան տվի, թե ասածս կոմպլիմենտ չէ, այլ զուտ ճշմարտություն, թեև օդի մեջ ոչ մի փոփոխություն չէի նկատել։ ― Իմ խոսքը զգացումներիս մասին է, ― ավելացրի ես պարկեշտորեն՝ բացատրությանս վերջ տալու համար։

Այդպիսի գանգուրներ, որ նա թոթվեց իր շիկնելը ծածկելու համար, ես օրումս չէի տեսել, և մի՞թե կարելի էր տեսնել, քանի որ նրանց նման գանգուրներ ոչ եղել էին, ոչ էլ կային աշխարհում։ Իսկ գալով նրանց պսակող ծղոտե գլխարկին ու կապույտ ժապավեններին, օ՜հ, եթե հնար գտնեի այդ բոլորը սենյակումս կախելու Բուկինգեմի փողոցում, ի՜նչ անգին զարդ կլիներ։

― Դուք նո՞ր եք վերադարձել Փարիզից, ― ասացի ես։

― Այո՛, ― ասաց նա։ ― Իսկ դուք Փարիզում եղե՞լ եք։

― Ո՛չ։

― Ափսոս։ Հուսով եմ, որ շուտով կերթաք։ Փարիզը շատ֊շատ դուր կգա ձեզ։

Երեսի վրա խոր վշտի նշաններ երևացին։ Որտեղի՞ց էր այդ հույսը, նա ինչպե՞ս կարողացավ ենթադրել, մտքով անգամ անցկացնել, թե ես Փարիզ գնալու ընդունակ եմ։ Ա՛յ անտանելի գաղափար։ Ատեցի Փարիզը, ատեցի ամբողջ Ֆրանսիան։ Ասացի, թե ներկա հանգամանքներում, աշխարհիս բոլոր գանձերն էլ որ ինձ տան, չեմ հեռանա Անգլիայից։ Ոչ մի բան չի ստիպի ինձ այդ քայլն անել։ Կարճ ասած՝ նա նորից գանգուրներով սքողելու վրա էր, երբ շնիկը վազելով հասավ ու նեղ վիճակից ազատեց ինձ։

Այդ շնիկը չարաչար նախանձում էր ինձ և վրաս հաչելուց չէր դադարում։ Դորան իր գիրկն առավ նրան․․․ ո՜վ երկինք․․․ և շոյեց, բայց կենդանին դարձյալ հաչում էր։ Նա թույլ չտվեց, որ ես էլ իրեն մի քիչ շոյեմ․ այն ժամանակ օրիորդը ծեծեց նրան։ Վշտերս կրկնապատիկ սաստկացան, երբ Դորան շնիկին պատժելու համար իր սիրուն մատիկներով նրա բութ դնչին թեթև խփեց, մինչ շնիկը աչքերը քթթելով տիրուհու ձեռքը լիզում էր ու ինքն իրեն մռմռում։ Վերջապես նա հանգստացավ (և ինչպես չհանգստանար, երբ Դորան իր թշիկը նրա գլխին դրավ), և մենք գնացինք ջերմանոցը տեսնելու։

― Դուք կարծեմ միս Մեորդստոնի հետ շատ մտերիմ չեք, այնպես չէ՞, ― ասաց Դորան։ ― Սիրունիկս։

(Այս վերջին բառը շանն էր ուղղված։ Երանի թե ինձ ուղղված լիներ։)

― Ո՛չ, ― պատասխանեցի ես։ ― Ամենևին մտերիմ չեմ։

― Շատ ձանձրալի արարած է, ― ասաց Դորան, շրթունքներն ուռցնելով։ ― Չեմ հասկանում, թե ինչո՞ւ հայրիկս մի այդպիսի փնթփնթող պառավ է ընտրել ինձ համար, իբրև ընկերուհի։ Ո՞ւմ է հարկավոր այդ պաշտպանը։ Իհարկե ոչ ինձ։ Այդ Մեորդստոնից ավելի լավ կպաշտշանե ինձ Ջիպը, չէ՞ Ջիպ։

Ջիպն իր աչքերը ծույլ֊ծույլ քթթեց, երբ Դորան նրա կլոր գլուխը համբուրեց։

― Հայրիկս իմ մտերիմ ընկերուհին է անվանում նրան, բայց մի՞թե միս Մեորդստոնը մի մտերիմ ընկերուհի է, ասա Ջիպ։ Ջիպն ու ես ամենևին կարոտ չենք մի այդպիսի մրթմրթան ընկերուհու։ Մենք ում ուզենանք, նրա հետ մտերիմ կլինենք, և ինքներս բարեկամներ կգտնենք՝ փոխանակ ուրիշը գտնի մեզ համար․ այդպես չէ՞, Ջիպ։

Պատասխանի տեղ՝ Ջիպը կաթսայում եռացող ջրի ձայն հանեց։ Իսկ ինձ գալով, Դորայի ամեն մի բառը մի նոր շղթա էր, որ ավելի ու ավելի էր կապում ինձ։

― Շատ ցավալի է, որ մի սիրելի մայրիկ չունենք, և ստիպված ենք մայր ճանաչել միս Մեորդստոնի նման մի կռվասեր, անշնորհք պառավի, որ միշտ մեր հետևից լրտեսի պես ման է գալիս․ չէ՞, Ջիպ։ Բայց փույթ չէ, Ջիպ։ Մենք նրա հետ մտերիմ չենք լինի և առանց նրան՝ բախտավոր կլինենք։ Թող որքան ուզենա զայրանա, մենք նրան հակառակ կգնանք, այնպես չէ՞, Ջիպ։

Եթե այս ճառը ևս մի րոպե տևեր, ես անպատճառ Դորայի առջև ավազի վրա կչոքեի ծունկերս քերծելու վտանգով, և ինձ անշուշտ դուրս կանեին։ Բայց ջերմոցը բարեբախտաբար հեռու չէր, և հենց որ Դորան լռեց, մենք միասին ներս մտանք։

Ջերմոցը բազմազան խորդենիներով (geranium) լիքն էր։ Սկսեցինք ման գալ նրանց առջև։ Այս կամ այն ծաղկի վրա հիանալու համար՝ Դորան հաճախ կանգնում էր․ ես էլ հետևում էի նրան։ Երբեմն ծիծաղելով վերցնում էր շնիկին ու ստիպում, որ ծաղիկները հոտոտի, և եթե մենք երեքս էլ դրախտում չէինք, գոնե ես այնտեղ էի։ Խորդենու տերևի բուրմունքը դեռ այսօր էլ թե՛ ծիծաղելի և թե՛ լուրջ ազդեցություն է գործում իմ վրա, մի վայրկյանում մտքերիս ընթացքը շրջելով․ ես իսկույն մի հարդե գլխարկ, կապտագույն ժապավեններ, ճոխ գանգուրներ, մի սև շնիկ և սրան գույնզգույն ծաղիկների թմբի դեմ բռնած մի զույգ քնքուշ ձեռքեր եմ մտաբերում։

Միս Մեորդստոնը փնտրում էր մեզ։ Նա մեզ ջերմոցում գտավ և իր տգեղ այտը, որի խորշոմները փոշով լավ լցված էին, Դորայի շուրթերին մոտեցրեց, և Դորան ակամա համբուրեց նրան։ Հետո նա թևանցուկ արեց Դորային և այնպես հանդիսաբար դեպի ճաշարան առաջնորդեց, որ կասեիր թե մի զինվորի հուղարկավորության են մասնակցում։

Թեյ պատրաստողը Դորան էր․ ուրեմն մի հարցնեք, թե քանի բաժակ խմեցի։ Հիշում եմ միայն, որ պարպած բաժակներիս քանակից քիչ էր մնում ջղերս բոլորովին խանգարվեին։ Փոքր֊ինչ հետո եկեղեցի գնացինք։ Միս Մեորդստոնը Դորայի ու իմ միջև տեղ բռնեց․ սակայն ես Դորայի երգելը լսեցի և ամեն բան մոռացա։ Մի քարոզ էլ խոսվեց․․․ անշուշտ Դորայի մասին․․․ և, ցավալի բան՝ այս է միայն մտքումս մնացել նույն օրվա ամբողջ ժամերգությունից։

Օրը շատ հանդարտ անցավ։ Հյուրեր չեկան․ ելանք փոքր֊ինչ զբոսնելու, հետո չորսս միասին ճաշեցինք, հետո սկսեցինք գրքեր ու նկարներ թերթոտել։ Միս Մեորդստոնը՝ քարոզագիրքն առջևը բռնած, մի արթուն պահակի պես հսկում էր։ Ահ, մր․ Սպընլոն, ճաշից հետո թաշկինակով երեսը ծածկած, իմ հանդեպ նստած էր, երազել անգամ չէի կարող, թե ինչպես ես երևակայությանս մեջ ջերմ֊ջերմ համբուրում էի նրան, իբրև նրա փեսան։ Նրա մտքովն էլ չանցավ, երբ երեկոյան հրաժեշտ էր տալիս, թե նա արդեն համաձայնել է իմ ու Դորայի նշանվելուն․ և թե ես օրհնելով օրհնում եմ նրա հայրական գլուխը։

Հետևյալ առավոտյան վաղ պիտի մեկնեինք, որովհետև մի վթարված նավի փրկության գործը պիտի քննվեր Ծովակալության Ատյանում։ Քննության համար անհրաժեշտ էր քաջ գիտենալ նավարկության արվեստը, որից փոքր ի շատե բան հասկացող դժվար էր գտնել Համայնքի մեջ, այս պատճառով նախագահը վճռել էր երկու ծեր Երրորդության վարպետներ[38] հրավիրել, որպեսզի գոնե նրանք ի սեր մարդկության գան իրեն օգնելու։ Չնայելով վաղ ժամին, Դորան արդեն թեյ էր պատրաստում։ Կառք նստելիս ես մի տխուր հաճույք ունեցա նրան մնաս բարով ասելու, մինչ նա՝ Ջիպին գրկած նայում էր մեզ շեմքի վրայից։

Թե այդ օրն ի՛նչ քաշեցի Ծովակալության Ատյանում, թե դատը որքա՛ն խառը, որքան շփոթ թվաց ինձ, թե ինչպե՛ս էի Դորա կարդում այն արծաթե թիի երեսին, որ դրված էր դատավորի սեղանի վրա՝ իբրև մի բարձր իրավասության նշանակ․ թե ի՛նչ զգացի, երբ մր․ Սպընլոն, ինձ թողնելով տուն գնաց (հիմարաբար սպասել էի, թե ինձ էլ հետը կտանի)․ թե ինչպե՛ս մի նավաստի կարծեցի ինձ, որի նավը հեռացել է և ինքը մի ամայի կղզու վրա մենակ մնացել՝ այս բոլորը նկարագրելու զուր փորձեր չեմ անի։ Եթե հին ատյանը գեթ մի վայրկյան իր թմրությունից սթափվեր և ակներև պատկերացներ, թե ես ինչեր եմ երազում արթուն ժամանակ նույն ատայնի հարկի տակ, նա հարկավ ճշմարտությունը կիմանար։

Եվ այսպիսի երազներով պաշարված էի ոչ թե միայն նույն օրը, այլև հետո շատ օրեր, շաբաթներ ու ամիսներ։ Ես գնում էի դատարան ոչ թե մի գործ անելու համար, այլ միմիայն Դորայի մասին մտածելու։ Եթե երբեմն ուշք էլ դարձնեի քննվող դատերին, դարձնում էի միայն նրա համար, այն էլ հատկապես ամուսնական դատերի ժամանակ, որ զարմանալով հարցնեմ ինձ՝ մի՞թե կարելի է, որ ամուսնացած մարդիկ միշտ երջանիկ չլինեն (ես ու Դորան հարկավ երջանիկ կլինենք). իսկ ահագին ժառանգության դեպքերում այն էր միայն զբաղեցնում ինձ, թե ամենից առաջ ինչեր կառնեի Դորայի համար, եթե կտակված գումարներն ինձ հասնեին։ Կրքիս բորբոքման առաջին շաբաթը ես չորս հատ շքեղ բաճկոն գնեցի, իհարկե, ոչ ինձ համար, ես այսպիսի բաներով չէի շփանում, այլ Դորային դուր գալու համար, և սկսեցի հարդագույն ձեռնոցներ հագնել․ հենց այդ ժամանակ էլ ոտքերիս կոշտուկներ առաջացան։ Եթե հնար լիներ այն ժամանակվա կոշիկներս ձեռք բերել ու համեմատել ոտքերիս բնական չափի հետ, նրանք հուզիչ կերպով ցույց կտային, թե ինչ էր սրտիս վիճակը։

Սակայն չնայելով որ այդքան հաշմեցնում էի ինձ Դորայի համար, օր չէր լինում, որ մղոններ չանցնեի նրան տեսնելու քաղցր հույսով։ Մի քանի օրից հետո, ես ոչ միայն Նորվուդի ճանապարհի վրա մի թղթատարի պես հանրածանոթ մարդ դարձա, այլ Լոնդոնի փողոցներն էլ չափեցի։ Թափառում էի մանավանդ կանանց նորելքի խանութների առջև, ուրվականի նման հածում էի շուկայում, քարշ էի գալիս Հայդ Պարկում, մինչև ոտքերս ջարդվեին։ Երբեմն֊երբեմն, այն էլ երկար ընդմիջումներից հետո, տեսնում էի նրան։ Երբեմն կարծես ձեռնոցը շարժելով, ողջունում էր ինձ կառքի պատուհանից․ հաճախ էլ հանդիպում էի նրան մայթի վրա՝ միս Մեորդստոի հետ միասին և հետը փոքր֊ինչ խոսակցում։ Այդպիսի դեպքից հետո, ես չարաչար տանջվում էի մտածելով, թե ինչո՞ւ նրան չասացի, ինչ որ պիտի ասեի, թե նա գուցե չի էլ իմանում զգացումներիս ջերմությունը և կամ գուցե բոլորովին մոռացել է ինձ։ Ձեզ եմ թողնում երևակայել, թե ինչ սրտով էի սպասում մր․Սպընլոյի նոր հրավերին։ Սակայն, ափսոս, ոչ մի հրավեր չկար։

Մրս․ Կրոպպը երևի մի շատ նրբանկատ էակ էր, այս սերս նոր էր սկսել արծարծվել և ես Ագնեսին անգամ չէի վստահացել ավելի բացահայտ բան գրել, բացի այն բանից, թե եղել եմ մր․ Սպընլոյի մոտ, «որի գերդաստանը բաղկացած է միայն մի դստրից», մրս․ Կրոպպը, ասում եմ, մի շատ խորաթափանց կին պիտի լիներ, որ հենց սկզբից կարողացավ սրտիս գաղտնիքն իմանալ։ Մի երեկո, երբ տխուր նստած էի, նա եկավ ինձ մոտ ու հարցրեց (իր հայտնի ցավը նորոգվել էր) չե՞մ կարող արդյոք տալ իրեն փոքր֊ինչ կարդամոնի ու խավարծիլի երփնաջուր՝ յոթ կաթիլ մեխակի հյութով անուշացրած, որը իր հիվանդության ամենալավ դեղն է․ իսկ եթե այս բանը չունենամ, չէ՞ր կարելի փոքր֊ինչ օղի տալ նրան, որ խավարծիլից հետո ամենալավ դեղն է։ Դա այնքան ախորժելի չէ, ասաց նա, բայց և առաջինից հետո լավագույնն է։ Առաջինի անունն օրումս լսած չլինելով, իսկ երկրորդից միշտ մի շիշ ունենալով պահարանիս մեջ, առաջարկեցի մրս․ Կրոպպին երկրորդ դեղից մի բաժակ, որ նա սկսեց իմ ներկայությամբ խմել (ցույց տալու համար, թե վատ նպատակով չէր խնդրել)։

― Զվարթացեք, սըր, ― ասաց մրս․ Կրոպպը։ ― Ես չեմ կարող ձեզ տրտում տեսնել։ Ես էլ մայր եմ։

Չհասկացա, թե ինչ կապ կար այդ «մայր» բառի ու իմ միջև, բայց և այնպես հնար եղածին չափ սիրալիր ժպտացի մրս․ Կրոպպին։

― Լավ է, լավ, սըր, ― շարունկեց նա։ ― Ներեցեք։ Գիտեմ, բանն ինչումն է։ Օրիորդի մատ կա գործի մեջ։

― Մրս․ Կրո՞պպ, ― պատասխանեցի ես կարմրելով։

― Ապրեք, սըր, ամենևին մի վհատվեք, ― գոչեց մրս․ Կրոպպը քաջալերիչ եղանակով։ ― Սիրտ առեք, սըր։ Եթե այն մեկը չի ուզում ձեզ ժպիտ շնորհել, ուրիշ շատերը կգտնվեն, որ կշնորհեն։ Դուք այնպիսի ջենտլմեն չեք, մր․ Կոպպերֆուլ,[39] որին կարելի լինի չսիրել․ միայն թե ինքներդ ձեր արժեքը գիտցեք։

Մրս․ Կրոպպը միշտ Կոպպերֆուլ էր անվանում ինձ, որովհետև նախ՝ դա իմ ազգանունը չէր, և երկրորդ, երևի թե նրա համար, որ դա իր լվացքի օրն էր հիշեցնում իրեն։

― Ինչի՞ց եք հետևեցնում, մրս․ Կրոպպ, թե մի օրիորդի մատ կա գործի մեջ, ― ասացի ես։

― Մր․ Կոպպերֆուլ, ― ասաց մրս․ Կրոպպը ջերմ զգացումով, ― ե՛ս էլ մայր եմ։

Մի քանի րոպե մրս․ Կրոպպն ոչինչ չէր կարողաում անել, բացի ձեռքը կրծքին դնելուց ու դեղի մի քանի կաթիլ կուլ տալուց, ցավի կրկնության առաջն առնելով։ Վերջապես ասաց․

― Երբ ձեր պատվական տատն այս բնակարանը վարձեց, մր․ Կոպպերրֆուլ, ես իսկույն ասացի ինձ․ վերջապես գտա մեկին, որի մասին կարող եմ հոգ տանել։ Փա՜ռք աստծու, վերջապես մեկին գտա, որին կարող եմ խնամել։ Այս էր ասածս․․․ բայց դուք, սըր, շատ քիչ եք ուտում, քիչ եք խմում։

― Ուրեմն դրանի՞ց է գալիս ձեր կասկածը, մրս․ Կրոպպ։

― Սըր, ― ասաց մրս․ Կրոպպը կշտամբանքի մոտեցող ձայնով, ― միայն ձեզ չէ, որ խնամել եմ ես։ Ուրիշ շատ երիտասարդներ էլ իմ հոգածությունը վայելել են։ Ամեն մի երիտասարդ կարող է կամ չափից ավելի իր տեսքի մասին հոգ տանել, կամ չափից պակաս։ Կարող է կամ ճաշակով մազերը սանրել, կամ անճաշակ։ Կարող է կամ շատ լայն կոշիկներ հագնել և կամ շատ նեղ։ Այս բոլորը կախված է երիտասարդի բնավորությունից։ Սակայն ինչ ծայրահեղության մեջ էլ ընկնի երիտասարդ ջենտլմենը, իմացեք, սըր, գործի մեջ միշտ մի օրիորդ խառն կլինի։

Մրս․ Կրոպպը այնպես գլուխը շարժեց, որ ես ակամա զինաթափ եղա։

― Ահա ձեզնից առաջ այստեղ մեռնող ջենտլմենն էլ, ― ասաց մրս․ Կրոպպը, ― մի օր հանկարծ մի պանդոկի աղախնու վրա սիրահարվեց, և իր բոլոր բաճկոնները նեղացնել տվեց, թեև շատ խմելուց ուռել էր։

― Մրս․ Կրոպպ, ― ասացի ես, ― խնդրեմ հաճեցեք չշփոթել իմ օրիորդին որևէ պանդոկի աղախնու կամ դրա նման մեկի հետ։

― Մր․ Կոպպերֆուլ, ― պատասխանեց մրս․ Կրոպպը, ― մի՞թե կարող եմ շփոթել, քանի որ ինքս էլ մայր եմ։ Ներեցեք անզգուշությանս։ Ես սովոր չեմ ուրիշների գործին խառնվել, ուր ինձ չեն հրավիրում։ Բայց դուք մի երիտասարդ ջենտլմեն եք, մր․ Կոպպերֆուլ, և ես ձեզ խորհուրդ կտամ չվհատվել, զվարթ լինել և ձեր արժեքը լավ ճանաչել։ Եթե ուզենայիք մի որևէ բանի, օրինակի համար՝ սկիթըլչի[40] վրա սեր գցել, դա ձեզ շատ կզարդարեր, ձեր թախիծը կփարատեր և օգտակար կլիներ։

Այս ասաց մրս․ Կրոպպը և զգուշանալով, որ օղիի շիշը շուռ չտա (որ սակայն բոլորովին դատարկ էր), հանդիսաբար ռևերանս արեց ու գնաց։ Նրա խորհուրդը փոքր֊ինչ հանդուգն երևաց ինձ, բայց և այնպես ես գոհ մնացի․ դա ինձ համար մի դաս էր՝ ապագայում գաղտնապահ լինելու համար։


Է․ գլուխ

Թոմի Տրեդլս


Գուցե մրս․ Կրոպպի տված խրատը և կամ գուցե սկիթըլչ ու Տրեդլս բառերի հնչման նմանությունն էր պատճառը, որ հետևյալ օրը մտածեցի գնալ իմ հին ընկերոջը՝ Տրեդլսին տեսնելու։ Նրա Լոնդոն վերադառնալու ժամանակն արդեն անցել էր, և նա բնակվում էր Կենդն֊Տաունի Անասնաբուժական ուսումնարանի մոտերքում, որի շուրջը ապրող ուսանողները, մեր գրագիրներից մեկի ասելով, սովոր էին կենդանի էշեր գնել և այս չորքոտանիների վրա փորձեր անել իրենց մասնավոր սենյակներում։ Միևնույն գրագրից այդ ճեմարանական փեթակի հասցեն իմանալուց հետո՝ նույն երեկոյան գնացի այցելություն անելու հին ընկերոջս։

Փողոցն այնքան դուր չեկավ ինձ, ինչքան որ կցանկանայի ի սեր նույնիսկ Տրեդլսի։ Բնակիչները կարծես հակում ունեին ամեն բան, ինչ որ իրենց անպետք էր, ճամփու վրա շպրտել, որով նա ոչ միայն գարշահոտ ու կեղտոտ էր դառնում, այլև լպրծուն՝ կաղամբի անթիվ թփերից։ Սակայն դուրս թափված իրերը միայն բուսական նյութեր չէին․ ընկերոջս բնակարանը փնտրելիս ես տեսա, ի միջի այլոց, մի հին կոշիկ, մի անտակ պտուկ, մի սև գլխանոց ու մի հատ հովանոց․ բոլորն էլ փտելու զանազան աստիճաններին հասած։

Տեղի ընդհանուր տեսարանը սաստիկ հիշեցրեց ինձ մր․ և մրս․ Միկաբրների մոտ անցկացրած օրերս։ Տրեդլսի բնակած տունը տարբերվում էր մյուս միակերպ շենքերից․ նա ուներ մի հնացած ու ընկած վայելչության աննկարագրելի մի տեսք, որով ինձ ավելի էր հիշեցնում իմ նախկին բարեկամներին։ Տան դռանը մոտենալուս րոպեին՝ դուռը բացվեց մի կաթնավաճառի առջև․ այս հանգամանքը դարձյալ բարեկամներիս հիշեցրեց ինձ։

― Ուզում եմ իմանալ, թե հաշիվս ե՞րբ պիտի մաքրեք, ― ասաց կաթնավաճառը դուռը բաց անող ջահել աղախնին։

― Պարոնն ասում է, այս օրերս կվճարի, ― պատասխանեց աղջիկը։

― Որովհետև․․․ շարունակեց կաթնավաճառը, կարծես թե ոչ մի պատասխան ստացած չլիներ, և իր սպառնական ձայն ու հայացքը ավելի շուտ ներսի մարդուն ուղղելով, քան նորատի սպասուհուն, ― որովհետև կասկածում եմ, չլինի՞ թե հաշիվս այսքան ժամանակ չմաքրելուց հետո, մի ուրիշ տեղ փաղչի ու կորչի։ Բայց ես չեմ թողնի, որ փախչի, իմացա՞ք, ― գոչեց կաթնավաճառը, դարձյալ իր ձայնը տան շեմքից դեպի ներս հնչեցնելով ու դեպի նրբանցքը մտիկ տալով։

Ոչ մի բան չէր կարոց այնքան հակասել նրա խաղաղ պաշտոնին, ինչքան այս վարմունքը։ Նրա կոպիտ ձայնից ու շարժումներից անգամ մսագործը կամ օղեվաճառը կամաչեր։

Փոքրիկ սպասուհու ձայնը շատ թուլացավ, սակայն շուրթերին նայելով կարելի էր հետևություն անել, որ նրա ասածը դարձյալ այն էր՝ թե հաշվի բանը շուտով կվերջանա։

― Լսիր, այ աղջիկ, ― ասաց կաթնավաճառը, առաջին անգամ ուղիղ սպասուհուն նայելով ու նրա կզակից բռնելով, ― կաթ սիրո՞ւմ ես։

― Սիրում եմ։

― Շատ լավ, ― ասաց կաթնավաճառը։ ― Իմացած եղիր, որ վաղը ոչ մի կաթիլ կաթ չեք ստանա։ Լսո՞ւմ ես։ Վաղը ոչ մի կաթիլ կաթ չեք տեսնի։

Սպասուհին կարծես գոհ մնաց, որ գոնե այսօր տանը կաթ կլինի։ Կաթնավաճառը գլուխը չարաչար շարժելուց հետո նրա կզակը բաց թողեց և բարկությամբ կժի բերանը բանալով, կաթը չափեց, փարչի մեջ լցրեց։ Այնուհետև մռմռալով հեռացավ և մոլեգնաբար սկսեց գոռալ․

― Կա՜թ, կա՜թ։

― Այստե՞ղ է բնակվում մր․ Տրեդլսը, ― հարցրի ես։

Մի խորհրդավոր ձայն նրբանցքի խորքից պատասխանեց «Այո»․ որից հետո սպասուհին էլ կրկնեց․

― Այո՛։

― Արդյոք տա՞նն է, ― ասացի ես։

Դարձյալ միևնույն խորհրդավոր ձայնը հաստատական պատասխան տվեց, և սպասուհին նույնը կրկնեց։ Ես ներս մտա և սպասուհու ցուցամատի ուղղությամբ վերև բարձրացա, և ինձ այնպես թվաց, թե մի խորհրդավոր աչք, որ անշուշտ խորհրդավոր ձայնին էր պատկանում, մի հեռավոր դռան հետևից ինձ դիտում է։

Երբ տան երկրորդ ու վերջին հարկը բարձրացա, Տրեդլսն արդեն սպասում էր ինձ սանդուղքի գլխին։ Նա ջերմ սիրով ողջունեց ինձ և իր սենյակը հրավիրեց։ Դա պատուհաններով դեպի փողոցը նայող մի փոքրիկ ու հասարակ, բայց շատ մաքուր սենյակ էր։ Ակներև էր, որ Տրեդլսի ամբողջ բնակարանը դա էր միայն, որովհետև քնելու բազմոցն այնտեղ էր, այնտեղ էին նաև կոշիկ մաքրելու խոզանակներն ու սև ներկը, միայն թե պահարանի վերին դարակի վրա՝ մի բառագրքի հետևը թաքնված։ Սեղանը ծածկված էր թղթերով, և Տրեդլսը մի հին վերարկու հագած, նոր էր ընդհատել իր փութաջան աշխատանքը։ Ոչ մի բան առանձնակի չէի դիտում, բայց և այնպես ամեն բան տեսա, տեսա մինչև անգամ ճենապակու թանաքամանի վրա նկարված եկեղեցին ― տեսողության սրությունը իմ մեջ զարգացել էր դեռ միկաբրյան ժամանակից։ Պահարանի տեսքը սքողելու և ածիլելու պարագաները, կոշիկները և ուրիշ բաներ վայելչաբար դասավորելու համար գործ դրված մանր֊մունր հնարքները հայտնապես ցույց էին տալիս դարձյալ նույն Տրեդլսին, որ մի ժամանակ գազանի ահագին որջեր էր շինում գրելու թղթից՝ մեջը ճանճեր պահելու համար և իր վշտերը հրաշակերտ գործերով փարատում, որոնց մասին արդեն քանիցս խոսել եմ։

Սենյակի անկյունում մի բան կար, որ զգուշությամբ ծածկված էր լայն ու սպիտակ սավանով, բայց թե ի՞նչ էր չիմացա։

― Տրեդլս, ― ասացի ես, նստելուցս հետո նրա աջը նորից սեղմելով, ― որքան ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։

― Ո՞վ է ուրախ, Կոպպերֆիլդ, դո՞ւ թե ես, ― գոչեց նա։ ― Մր․ Ուատրբրուկի մոտ քեզ հանդիպելու զվարճությունից խելքս այնքան թռցրել էի, որ այս հասցես տվեցի քեզ՝ փոխանակ պաշտոնական գրասենյակիս հասցեն տալու։

― Ա՜, պաշտոնական գրասենյակ էլ ունես։

― Այսինքն՝ մի գրասենյակի և մի նրբանցքի չորրորդ մասը, ― պատասխանեց նա։ ― Մենք չորս ընկեր միասին ենք վարձել այն գրասենյակը՝ ցույց տալու համար, թե շատ գործ ունենք․ չորսս էլ միայն մի գրագիր ենք բանեցնում։ Բոլորի գինը շաբաթական կես կրոն է։

Բացատրություն տալիս Տրեդլսը ժպտաց, և այս ժպիտի մեջ դարձյալ տեսա նրա բնավորության պարզությունը, սովորական բարությունը, բայց կարծեմ և չար բախտը, որ չէր դադարել նրան հալածելուց։

― Դու հո գիտես, ես հպարտ չեմ, Կոպպերֆիլդ, ― ասաց Տրեդլսը։ ― Բայց սովորաբար այս բնակարանիս հասցեն չեմ տալիս, որովհետև շատերին անախորժ է ինձ այստեղ այցելելը։ Ինձ գալով․․․ ես ուրիշ բան չեմ մտածում, բայց թե աշխարհիս բոլոր արգելքների դեմ մաքառելը ծիծաղելի կլիներ, եթե մի ուրիշ հավակնություն ունենայի։

― Լսել եմ, որ պատրաստվում ես փաստաբան դառնալ։ Ճի՞շտ է։

― Այո՛, այո՛, փաստաբան, ― ասաց Տրեդլսը, ձեռքերն իրար շփելով։ ― Պատրաստվում եմ, բայց պաշտոնական ցուցակի մեջ գրվելու համար, այն էլ երկար ժամանակից հետո, պետք եղավ հարյուր ստեռլինգ վճարել, հարյո՜ւր ստեռլինգ։ Հեշտ բան չէր դա, ո՜ւֆ, ― գոչեց նա, երեսն այնպես ծամածռեց, կարծես ատամը հանեցին։

― Գիտե՞ս, Տրեդլս, ինչ եմ հիշում քեզ նայելիս։

― Չգիտեմ։

― Հիշում եմ այն երկնագույն հագուստը, որ կրում էիր պանսիոնում։

― Ա՛յ հիշելու արժանի բան, ― գոչեց Տրեդլսը ծիծաղելով։ ― Թերևս վարտիքս կա՜րճ։ Աստված իմ․ չէ՞ որ երջանիկ էին այն օրերը, Կոպպերֆիլդ։

― Բայց կարծեմ ավելի երջանիկ կլինեինք, եթե մեր դաստիարակը փոքր֊ինչ պակաս տանջեր մեզ, ― ասացի ես։

― Շատ կարելի է, ― հաստատեց Տրեդլսը։ ― Բայց այնուամենայնիվ ի՜նչ լավ էինք զվարճանում։ Հիշո՞ւմ ես ննջարանի գիշերները, մեր փառավոր ընթրիքներն ու քո պատմած առակները։ Հա՜, հա՜, հա՜։ Եվ միտդ է՝ ինչպես սաստիկ ծեծ կերա ես՝ մր․ Մելին ցավակցելով լալուս համար։ Քավթա՜ռ Կրիկլ։ Երանի մեկ տեսնեի նրան։

― Տեսնել դահճի՞դ, որ այնպես գազանաբար էր վարվում քեզ հետ, ― բարկացա ես, այն ծեծի դեպքը հիշելով, որ կարծես երեկ էր պատահել։

― Մի՞թե իրոք գազանաբար, ― հարցրեց Տրեդլսը։ ― Շատ կարելի է, չեմ վիճի։ Բայց այդ բոլորը վաղուց արդեն անցել֊գնացել է։ Ա՜յ ծեր Կրիկլ։

― Կարծեմ այն ժամանակ քեզ խնամողը քեռի՞դ էր, այնպես չէ՞, ― հարցրի ես։

― Այո, քեռիս, միակ քեռիս, որին միշտ պատրաստվում էի նամակ գրել ու չէի գրում, հա՜, հա՜, հա՜։ Այո՛, մի քեռի ունեի, բայց պանսիոնից ելա թե չէ, հանկարծ մեռավ։

― Իրա՞վ։

― Այո։ Նա մի․․․ ինչպե՞ս ասեմ․․․ հարուստ դերձակ էր, և ինձ էր իրեն ժառանգորդ կարգել։ Բայց երբ որ մեծացա, ատեց ինձ ու միտքը փոխեց։

― Միտքը փոխե՞ց, ― կրկնեցի ես, զարմանալով, որ ընկերս այդ բանը այդպես հանգիստ է հիշում։

― Այո, փոխեց, Կոպպերֆիլդ։ Այս մի դժբախտություն էր, բայց նա բնավ չէր սիրում ինձ։ Նա ասաց, թե ես այնպիսի մարդ դուրս չեկա, ինչպիսին որ նա էր ցանկանում, և իր աղախնու հետ ամուսնացավ։

― Իսկ դու ի՞նչ արիր։

― Ոչինչ։ Մի քանի ժամանակ նրանց մոտ մնացի, հուսալով թե ինձ մի գործի կդնեն, բայց դժբախտաբար քեռիս մի օր կաթված ստացավ ու մեռավ․ կինը նորից մարդու գնաց, իսկ ես ձեռնունայն մնացի։

― Մի՞թե ոչինչ չստացար։

― Ինչպես չէ, ― ասաց Տրեդլսը։ ― Ես ստացա հիսուն ստեռլինգ։ Բայց ինձ մի որոշ պաշտոնի համար չէին պատրաստել, և ես սկզբում ամենևին չէի իմանում, թե ի՞նչ սկսեմ, ի՞նչ անեմ։ Վերջապես մի փաստաբանի որդու օգնությամբ, որ մեր ընկերն էր Սալեմ Հաուսում․․․ հիշո՞ւմ ես ծուռքիթ Եոլրին․․․

― Ոչ։ Իմ ժամանակ Սալեմ Հաուսում բոլորն էլ ուղիղ քթով էին։

― Դե, փույթ չէ, ― ասաց Տրեդլսը։ ― Ահա այդ Եորլի օգնությամբ ես սկսեցի զանազան պաշտոնական թղթեր արտագրել։ Տեսնելով որ այս բանից օգուտ չկա, սկսեցի ինքս փաստաբանների համար թղթեր շարադրել, քաղվածքներ անել և այլն։ Դու հո գիտես, Կոպպերֆիլդ, որ ես եզի նման աշխատելու ընդունակ եմ։ Այդ բաներին վարժվելը ինձ համար շատ դժվար չէր։ Լավ։ Մի օր էլ մտքիս դրի իրավաբանության ուսանող դառնալ, և հիսուն ստեռլինգիս բոլոր մնացորդն այդ նպատակին զոհեցի։ Եոլրը ինձ մի երկու նոտարի, նույնպես և մր․ Ուոտրբրուկի անունով հանձնարարական տվեց, և բախտս բանեց։ Հետո մի գրավաճառի հետ ծանոթացա, որը մի հանրագիտարան բառագիրք է հրատարակում․ նա էլ ինձ գործ առաջարկեց։ Այս ձեռագրերը տեսնո՞ւմ ես, ― շարունակեց Տրեդլսը, գրասեղանը ցույց տալով, ― դրանք բառագրքի համար են, նոր եմ գրում։ Ճշմարիտն ասած՝ ես վատ հավաքող չեմ, Կոպպերֆիլդ․ բայց շարադրելու, ստեղծելու շնորհք որ ասես, դրա նշույլն անգամ չունեմ։ Աշխարհիս երեսին գուցե մարդ չկա, որ ինձնից պակաս ինքնատիպ լինի։

Տրեդլսը կանգ առավ, սպասելով որ ես անշուշտ այդ կարծիքին համամիտ կլինեմ, և երբ մի հաստատական նշան արի, նա զվարթ համբերությամբ շարունակեց․

― Ահա այսպես կոպեկ֊կոպեկի վրա դիզելով, շատ չափավոր կյանք վարելով, պետք եղած հարյուր ստեռլինգը լրացրի և վերջապես, փառք աստծու, վճարեցի․․․ թեև ո՜ւֆ (այստեղ ընկերոջս ատամնեից դարձյալ մեկը հանեցին), շատ դժվար էր։ Գործերս այժմ այս դրության մեջ են, բայց շուտով սկսելու եմ լրագրի համար էլ հոդվածներ գրել։ Տես թե ինչպես կհարստանամ այն ժամանակ։ Իսկ դու, Կոպպերֆիլդ, միևնույնն ես, ինչ որ էիր պանսիոնում՝ նույն բարեսիրտ, նույն կայտառ Կոպպերֆիլդը․ քեզ հետ խոսելիս մարդ ուզում է բոլորովին սրտաբաց լինել։ Ուրեմն իմացիր՝ ես նշանված եմ։

Նշանված։ Օ՜հ Դորա։

― Նշանածս Դևոնշիրի պաստորի աղջիկն է, տասն աղջիկներից մեկը, ― ասաց Տրեդլսը։ ― Այո, ― հարեց նա, նկատելով որ ակամա նայեցի նրա թանաքամանի նկարին, ― այս նրանց եկեղեցու պատկերն է։ Ահա այս վանդակապատ դռնով բակը կմտնես ու դեպի ձախ կգնաս (նա գրչի ծայրը թանաքամանի շուրջը պտտեցրեց), և ահա այստեղ, եկեղեցու դեմ, նրանց տունն է։ Հասկացա՞ր։

Հետո միայն ըմբռնեցի այն հաճույքը, որով այս բոլոր հանգամանքները բացատրվեցին․ մտքերս նույն րոպեին ուրիշ տեղ էին հածում՝ մր․ Սպընլոյի տան շուրջը։

― Շատ բարի աղջիկ է, ― շարունակեց Տրեդլսը։ ― Տարիքով ինձնից մի քիչ մեծ է, բայց հիանալի աղջիկ է։ Անցյալ անգամ ասել էի քեզ, թե Լոնդոնից մեկնելու եմ, հիշո՞ւմ ես։ Պիտի գնայի նրան տեսնելու, և ոտքով գնացի, ոտքով էլ վերադարձա։ Ի՜նչ սքանչելի ոգևորություն էր։ Հարսանիքը գուցե փոքր֊ինչ ուշ կատարվի, բայց հոգ չէ․ մեր նշանաբանն է՝ «համբերիր ու հուսա»։ Այսպես էլ անում ենք, միշտ կրկնելով՝ «համբերիր և հուսա»։ Եվ նա պատրաստ է, Կոպպերֆիլդ, դարձյալ մի քառասուն տարի սպասել ինձ, եթե կամենաս՝ ավելի էլ։

Տրեդլսը տեղից վեր կացավ ու հաղթական ժպիտով ձեռքն այն սավանին դրեց, որ նկատել էի փոքր֊ինչ առաջ։

― Սակայն, ― ասաց նա, ― չկարծես թե չենք սկսել տնտեսության համար պատրաստվել։ Ո՛չ, ո՛չ, արդեն սկսել ենք։ Ահա տե՛ս, ― ասաց նա ու սավանը հպարտությամբ ետ քաշեց, ― սկսզբի համար երկու բան։ Մեկը մի ծաղկաման է կամ թաղար, ի՛նթն է գնել։ Մեջը մի որևէ բույս կդնես, ― հարեց Տրեդլսը, մի քանի քայլ ետ քաշվելով, երևակայած բույսն ավելի լավ դիտելու համար, ― հետո կվերցնես ու դահլիճի պատուհանի վրա կդնես և․․․ փա՜հ, ի՜նչ փառավոր բան կլինի։ Իսկ այս մարմարե կլոր սեղանը (շրջանակը երկու ոտնաչափ է ու տասը բթաչափ) ե՛ս եմ գնել։ Ուզում ես, օրինակի համար, վրան գիրք դնել և կամ դիցուք, քեզ մոտ և կամ թե կնոջդ մոտ մի հյուր է գալիս և ուզում է թեյի բաժակը դնելու տեղ գտնել՝ ահա՛ պատրաստ է, համեցե՜ք։ Մի երևելի վարպետի գործ է այս սեղանը, և ժայռի պես ամուր։

Ես երկու առարկան էլ ըստ արժանավույն գովեցի, և Տրեդլսը նորից զգույշ կերպով ծածկեց դրանք։

― Դեռ շատ բան պակաս է, հարկավ, ― ասաց նա, ― բայց, այնուամենայնիվ, սկիզբն արդեն դրված է։ Ամենից ավելի ինձ հուսահատություն պատճառողը, Կոպպերֆիլդ, սփռոցներն են, անձեռոցները, բարձի երեսները։ Գլուխս պտույտ է գալիս, երբ մտածում եմ մանավանդ խոհանոցի ամանների, պղինձների, կասկարաների, թարեքների և ուրիշ այս տեսակ իրերի մասին, որովհետև շատ թանկ են։ Բայց ասված է՝ «Համբերիր և հուսա»։ Եվ հավատա, նրանից էլ պատվական աղջիկ չկա՜։

― Հավատում եմ, ― ասացի ես։

― Էլ կարծեմ ավելացնելու բան չմնաց, ― ասաց Տրեդլսը, նորից աթոռի վրա նստելով։ ― Առժամանակ, ինչպես տեսնում ես, բավական չարքաշ կյանք եմ վարում։ Արդյունքս մեծ չէ, բայց ծախսերս էլ մեծ չեն։ Ճաշում եմ սովորաբար այս տան գետնահարկում, մի բարեկամ ընտանիքի հետ, շատ սիրելի մարդիկ են։ Մր․ Միկաբրն ու միս Միկաբրը շատ բան են տեսել այս աշխարհում, և երկուսն էլ հիանալի ընկերներ են։

― Տրե՜դլս, ― գոչեցի ես, ― ինչե՜ր ես ասում։

Տրեդլսն ապշությամբ երեսիս նայեց, իմանալու թե հանկարծ ինձ ինչ պատահեց։

― Մր․ Միկաբրն ու նրա կինը, ― գոչեցի ես երկրորդ անգամ։ ― Ես հո շատ լավ եմ ճանաչում նրանց։

Նույն վայրկյանին դրսի դռանը երկու անգամ հարված տվին՝ ճիշտ այնպես, ինչպես որ արդեն հնուց գիտեի՝ միայն մր․ Միկաբրը կարող էր տալ։ Հարվածներն իսկույն ենթադրությունս ներքևի հարկի բնակիչների մասին հաստատեցին, և ես Տրեդլսին խնդրեցի, որ իր տան տիրոջը վերև հրավիրի։ Տրեդլսը սանդուղքի բազիրքից վայր կռանալով, կանչեց նրան, որ բարձրանա, և ահա իր առաջվա նեղ տաբատը հագին, իր օսլայած օձիքներով, իր նախկին ձեռնափայտով, ճիշտ միևնույն ակնոցով, միշտ անփոփոխ, երիտասարդ ու վայելուչ մր․ Միկաբրը ներս մտավ։

― Ներեցեք, մր․ Տրեդլս, ― ասաց մր․ Միկաբրը ձայնի նախկին ելևէջով, որ դադարեց մի ինչ֊որ երգ մրմնջալուց։ ― Չգիտեի, որ ձեր սուրբ հարկի տակ մի նորեկ անձ կտեսնեմ։

― Մր․ Միկաբրը թեթև կերպով գլուխ տվեց ինձ և իր շապկի օձիքն ուղղեց։

― Ինչպե՞ս է ձեր առողջությունը, մր․ Միկաբր, ― հարցրի ես։

― Սըր, ― ասաց մր․ Միկաբրը, ― վերին աստիճանի մարդասեր եք։ Ես in statu quo[41] եմ։

― Իսկ մրս․ Միկաբրը՞։

― Փառք աստծո, սըր, նա էլ in statu quo է։

― Իսկ երեխանե՞րը, մր․ Միկաբր։

― Սըր, գոհությամբ կարող եմ հայտնել, որ նրանք էլ լիովին առողջ են։

Մինչև այդ րոպեն մր․ Միկաբրը դեռ չէր կարողացել ճանաչել ինձ, թեև դեմուդեմ էինք կանգնած։ Բայց հանկարծ ժպիտս նկատելով, ավելի ուշադիր զննեց ինձ, մի քանի քայլ ետ քաշվեց ու գոչեց․

― Այս ի՜նչ հրաշք է։ Մի՞թե երջանկություն ունեմ նորից տեսնելու Կոպպերֆիլդին։

Եվ այս ասելով նա սկսեց ձեռքերս սաստիկ թոթվել։

― Արարի՜չ աստված, մր․ Տրեդլս, ― աղաղակեց մր․ Միկաբրը, ― ո՞ւմ մտքով կանցներ, որ դուք իմ երիտասարդության բարեկամիս, անցած օրերի ընկերոջս հետ ծանոթ եք։ Հոգյակ իմ։ (Այս բացականչությունը նա ուղղեց բազիրքի վրայից դեպի մրս․ Միկաբրը, մինչ Տրեդլսը իրոք ապշած էր ինձ ընծայած տիտղոսները լսելով)։ Հոգյա՜կ իմ, մր․ Տրեդլսի սենյակում մի ջենտլմեն կա, որին կցանկանայի քեզ ներկայացնել, սիրելիս։

Ապա իսկույն ետ գալով, նորից սկսեց ձեռքերս սեղմել։

― Եվ ինչպե՞ս է մեր ազնիվ բարեկամ դոկտոր Ստրոնգը, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Ինչպե՞ս են մեր մյուս Կենտրբրիի ծանոթները։

― Որքան գիտեմ, բոլորն էլ առողջ են։

― Անչափ երջանիկ եմ, այդպիսի լուր լսելով, ― գոչեց մր․ Միկաբրը։ ― Կենտրբրիումն էր, որ վերջին անգամ տեսնեվեցինք։ Թող ներվի ինձ ասել, այն Չասրի[42] երգերով անմահացած հոյակապ սրբավայրի հովանու տակ, որ երբեմն ամեն կողմերից հավաքվող հին ուխտավորների հավաքման տեղն էր․․․ Կարճ ասած՝ մայր տաճարի անմիջական մոտերքում։

Պատասխանեցի, թե այդպես է, իսկ մր․ Միկաբրը, շարունակեց շատախոսել, միևնույն ժամանակ ականջ դնելով մոտիկ սենյակից հասնող ձայներին, որոնք նշան էին, թե մրս․ Միկաբրը ձեռքերը լվանում է և պահարանի դժվարաշարժ դարակները շտապ֊շտապ բացում ու փակում։

― Այժմ, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, աչքի պոչով նայելով Տրեդլսին, ― դուք մեզ գտնում եք մի համեստ և կարելի է ասել՝ ոչ մեծաշուք վիճակի մեջ․ սակայն գիտե՞ք, որ կյանքիս մեջ ես շատ խոզերի եմ հանդիպել ու շատ արգելքներ տապալել։ Անհայտ չէ ձեզ և այն իրողությունը, որ կյանքիս մեջ ժամանակ է եղել, երբ ինձ հարկ է եղել կանգ առնել, մինչև որ հանգամանքները մի հաջող ընթացք ստանան, երբ պետք է եղել նահանջել, նահանջել եմ որպեսզի կարողանամ, այսպես ասած, մի ուժգին ցատկում անել։ Այսօր ես մարկային կյանքի այդ խորհրդավոր վիճակումն եմ։ Առժամանակ ետ եմ քաշվել՝ ավելի լավ ցատկելու համար, և հիմք ունեմ հավատալու, որ շուտով մի զորավոր թռիչք կանեմ։

Մինչ ես ուրախություն հայտնելու վրա էի, մրս․ Միկաբրը ներս մտավ։ Նրա զգեստն առաջվանից փոքր֊ինչ ավելի կեղտոտ էր․ գոնե ինձ այսպես թվաց, թեև նա զարդարվել էր ու մթագույն ձեռնոցներ հագել։

― Սիրելիս, ― ասաց մր․ Միկաբրը, նրան դեպի ինձ առաջնորդելով, ― ահա Կոպպերֆիլդ ազգանունով մի ջենտլմեն, որ կամենում է իր ծանոթությունը քեզ հետ նորոգել։

Մր․ Միկաբրը լավ կաներ, ինչպես հետևանքից երևաց, չշտապեր մեր տեսակցությունը փութացնել, որովհետև մրս․ Միկաբրը թույլ առողջական վիճակ ունենալով, մեր անակնկալ հանդիպումից այն աստիճան դալկացավ, որ մր․ Միկաբրը խուճապով դուրս վազեց մի աման ջուր բերելու, որ կնոջ երեսին սրսկի։ Բարեբախտաբար տիկինն իսկույն ուշքի եկավ և սրտագին հաճույք հայտնեց ինձ տեսնելու համար։ Մի կես ժամի չափ բոլորս միասին խոսեցինք, և ես տիկնոջից իմացա, որ նրա երկվորյակներն արդեն «ահագին էակներ են», իսկ մյուս զավակները «իսկական հսկաներ», թեև այս անգամ ոչ մեկին դուրս չբերին, որ տեսնեի։

Մր․ Միկաբրը թախանձանքով համոզում էր ինձ ճաշի մնալ, և ես անշուշտ կմնայի, եթե մրս․ Միկաբրի վարանած աչքերում չկարդայի, որ նրանց սեղանի պաշարը չպիտի բավեր բոլորիս։ Հետևաբար ասացի, թե ուրիշ տեղ եմ հրավիրված, և նույն րոպեին մրս․ Միկաբրի զվարթանալը տեսնելով, ես ավելի ընդդիմացա նրա մարդու հորդորներին։

Սակայն ես Տրեդլսին, մր․ Միկաբրին ու տիկնոջն ասացի, որ բարեհաճեն ժամադիր լինել, թե ե՞րբ կարող են այցելել ինձ ու շնորհ բերել իմ սեղանին։ Տրեդլսի ընթացիկ գործերը ստիպում էին մի հեռավոր պայմանաժամ նշանակել, բայց և այնպես բոլորիս միաբան հավանությամբ մի օր ընտրեցինք, և ես հրաժեշտ տվի նրան։

Մր․ Միկաբրը, պատճառաբանելով թե կամենում է մի կարճ ճանապարհ ցույց տալ ինձ, հետս դուրս ելավ, և երբ փողոցի անկյունին հասանք, բացատրեց, թե փափագում է մի քիչ էլ զրուցել իր վաղեմի մտերիմի հետ։

― Սիրելի Կոպպերֆիլդ, ― սկսեց մր․ Միկաբրը, ― ավելորդ է ասել ձեզ, թե ո՞ր աստիճան մխիթարական է մեզ համար, հատկապես ներկա պայմաններում, որ մեր հարկի տակ․․․ եթե ներվի այսպես ասել․․․ մի հոգի է շողշողում, ձեր բարեկամ Տրեդլսի հոգու նման մի հոգի։ Եթե ավելացնեմ, որ մեր տան կից շաքարեղեն վաճառող մի լվացարար կին է բնակվում, իսկ դեմուդեմ՝ մի քաղաքապահ զինվորական, արդեն կարող եք երևակայել, որ ձեր բարեկամի ընկերությունը մի անսպառ սփոփանքի աղբյուր է թե՛ ինձ համար, թե՛ կնոջս համար։ Այժմ ես, սիրելի Կոպպերֆիլդ, արմտիք վաճառող հանձնակատար եմ։ Այս պաշտոնը չի կարելի շատ շահաբեր անվանել․․․ ուրիշ խոսքով՝ ոչ մի օգուտ չի տալիս․․․ և դրամական տագնապից զատ ուրիշ հետևանք չունի։ Բայց և այնպես գոհությամբ սրտի պիտի ասեմ, թե այժմ ակնակառույց սպասում եմ, թեև անզոր եմ ճիշտ ասել, թե՞ որ կողմից մի մոտավոր դիպվածի, որ անտարակույս կբարվոքի, այն էլ ընդմիշտ, ոչ միայն իմ դրությունը, որին ի սրտե կարեկից եմ։ Թերևս արդեն նկատել եք մրս Միկաբրի քնքուշ վիճակը, որից հավանական է ենթադրել, թե մեր սիրո գրավականների թիվը վերջ ի վերջո․․․ կարճ ասած՝ մեր մանկական խմբակի վրա ևս մի նոր անդամ կավելանա։ Մրս Միկաբրի գերդաստանը հաճեցավ դժգոհություն ու տրտունջ հայտնել այս առթիվ։ Ինձ մնում է միայն ասել, թե ամենևին չեմ հասկանում՝ ո՞վ իրավունք ունի խառնվելու մի այսպիսի գործի մեջ, և զայրույթով մերժել նրանց անտեղի զգացումը։

Մր․ Միկաբրն այս ասելով՝ աջս սեցմեց ու հեռացավ։


Ը․ գլուխ

Մր․ Միկաբրի ասպետական ձեռնոցը


Մինչև նոր բարեկամներիս հյուրասիրելու օրը՝ ես ապրում էի միայն Դորայով և սուրճով։ Սիրաբորբոք դրությանս մեջ ախորժակս կորել էր, և գոհ էի, որ կորել է․ ճաշի մասին մտածելը նենգություն կլիներ Դորայի դեմ։ Ես դարձյալ անվերջ զբոսնում էի, բայց զբոսանքներս ոչ մի օգուտ չէին տալիս, որովհետև թարմ օդի ազդեցությունը չքանում էր հույսերս ի դերև ելնելուց։ Դրանից բացի, կյանքիս այդ շրջանի դառն փորձով պիտի ասեմ, արդյոք կենդանական սնունդը կարո՞ղ է ազատ մարսվել մի բանական էակի մեջ, որ հանապաղ չարչարվում է նեղ ու ամուր կոշիկներից։ Իմ կարծիքով անհրաժեշտ է, որ մարմնի ծայրերը լիակատար հանգստություն վայելեն, որպեսզի ստամոքսն իր պաշտոնը լավ կատարի։

Այս փոքրիկ ընտանեկան հացկերույթի համար ես առաջվա նման մեծ պատրաստություն չտեսա։ Միայն մի զույգ լեզվաձուկ, մի գառան զիստ և մի աղավնու կարկանդակ պատվիրեցի։ Մրս․ Կրոպպը շատ զայրացավ, երբ համեստ կերպով ակնարկեցի, թե լավ կլիներ ձկները խաշել, իսկ զիստը տապակել։

― Ո՛չ, ո՛չ, սըր, ― գոչեց նա։ ― Դուք ինձ կարծեմ այնքան լավ եք ճանաչում, որ կարող եք չենթադրել, թե ընդունակ եմ մի այդպիսի գործ կատարել, մի գործ, որ բոլորովին հակառակ է իմ բնավորությանը։

Սակայն վերջ ի վերջո հաշտվեցինք, և մրս․ Կրոպպն հանձն առավ կերակուրները պատրաստել, միայն թե այն պայմանով, որ ես հետո առնավազն երկու շաբաթ տանից դուրս ճաշ ուտեմ։

Ի դեպ, պետք է ասել, թե մրս Կրոպպի բռնությունն իմ վրա սոսկալի էր։ Ես ոչ ոքից այնքան չէի վախենում, որքան նրանից։ Ոչ մի բան մեր մեջ առանց վեճի չէր անցնում, բայց զիջողը միշտ ես էի։ Եթե ես դիմադրեի, նա իսկույն ևեթ այն ցավի հարձակմանը կենթարկվեր, որ նրա մարմնի չգիտեմ ո՛ր անկյունում դարանած, միշտ պատրաստ էր նրա կյանքը վտանգի ենթարկել։ Եթե պետք լիներ կանչել նրան, քսան անգամ պիտի քաշեի զանգակը, որ նա գա, այն էլ ոչ միշտ և փնթփնթալով ու շնչասպառ գալիս էր թե չէ՝ դռան մոտի բազմոցի վրա էր տարածվում, ձեռքը նանկինի կրծքին դնում և այն աստիճան դալկանում, որ շտապում էի ամբողջ օղիս նրան տալ, միայն թե շուտով հեռանար։ Մրս․ Կրոպպը սովոր էր երեկոյան ժամը հինգին անկողինս հավաքել (մի բան, որ այսօր էլ ինձ դուր չի գալիս), և եթե այս մասին մի թեթև ակնարկ անեի, արդեն նրա ձեռքի մի թեթև շարժումը (դեպի կրծքի դյուրագրգիռ սահմանը) բավական էր, որ ես իսկույն ներողություն խնդրեմ։ Մի խոսքով՝ պատրաստ էի ամեն տեսակ զիջումներ անել, միայն թե նա չվաշտանա, և այսպես մրս․ Կրոպպն իմ կյանքի սարսափն էր։

Առաջիկա ճաշի համար ավելորդ համարեցի այն ճարպիկ տղային վարձել, որ սպասավորել էր անցած ճաշկերույթին։ Նրա նկատմամբ ես մի տեսակ նախապաշարում ունեի այն օրից ի վեր, երբ նրան տեսա Ստրենդի[43] վրա՝ մի այնպիսի բաճկոն հագած, որը շատ նման էր իմ իսկ և իսկ խնջույքից հետո անհետացած բաճկոնին։ Իսկ ջահել աղջիկը նորից կանչվեց, բայց այն պայմանով, որ մի կերակուր ներս բերելուն պես՝ իսկույն սեղանատնից հեռանա ու սրահակում կանգնի, որով հյուրերս կազատվեին նրա քթի ֆսֆսոցը լսելուց, իսկ պնակներս՝ նրա ոտքերի տակ փշրվերլու վտանգից։

Ես գնեցի պունչի անհրաժեշտ նյութերը, որոնք հանձնվելու էին մր․ Միկաբրին, գնեցի մի շիշ հուսամի (լավանդի) ջուր, երկու մեղրամոմ, մի տուփ գնդասեղ, մի բարձիկ․ այս բոլորը մրս․ Միկաբրի դյուրության համար ննջարանիս հայելու առջև շարեցի․ նրա համար էլ ննջարանիս վառարանը վառել տվի․ հետո անձամբ սեղանիս սփռոցը ծածկեցի ու սկսեցի հանգիստ սպասել հետևանքին։

Որոշված ժամին երեք հյուրերս էլ միասին եկան։ Մր․ Միկաբրը սովորականից մեծ օձիքներով էր ու ակնոցի նոր շղթայով․ մրս․ Միկաբրը մի գորշ թերթի մեջ փաթաթված գլխանոցով, որ բերում էր Տրեդլսը, միևնույն ժամանակ օգնելով նրան բարձրանալ։ Բնակարանս բոլորին հիացրեց։ Երբ ես տիկնոջը հայելուս առջև կանգնեցրի, նա իր համար պատրաստած իրերը տեսնելով այն աստիճան սքանչացավ, որ ամուսնուն էլ կանչեց, որ նայի ու զմայլվի։

― Սիրելիդ իմ, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― այս բոլորը պերճություն ու շռայլություն է, և երիտասարդ օրերս է հիշեցնում ինձ, երբ մրս․ Միկաբրը տակավին չէր հրավիրված ամուսնության սուրբ խորանը պաշտելու։

― Ուզում է ասել, թե իր կողմից չէր հրավիրված, ― նկատեց մրս․ Միկաբրը խորամանկ ժպտալով։ ― Ուրիշների մասին չի կարող երաշխավոր լինել։

― Հոգյակ իմ, ասաց մր․ Միկաբրը մի անսպասելի լրջությամբ, ― ես պարտավոր չեմ ուրիշների տեղ պատասխան տալ։ Քաջ գիտեմ, որ երբ դու ճակատագրիս անքննելի որոշումով իմ կինը դարձար, մի այնպիսի մարդու կին դարձար, որին վիճակված էր երկարատև մաքառումներից հետո՝ անվերջ դրամական տագնապների զոհ դառնալ։ Ակնարկդ հասկանում եմ, սիրելիս։ Կարող եմ միայն ցավ հայտնել, բայց ոչ տրտունջ։

― Միկա՜բր, ― գոչեց մրս․ Միկաբրն արտասվելով։ ― Ինչո՞ւ ես այդպես կշտամբում ինձ, կնոջդ, որ քեզ երբեք չի թողել, հավիտյան էլ չի թողնելու։

― Հոգիս, ― ասաց մր․ Միկաբրը շատ հուզված, ― կներես ինձ, մեր հին բարեկամ Կոպպերֆիլդն էլ անշուշտ կների խոցված սրտիս րոպեական զայրույթը, որի պատճառն իշխանության արբանյակի հետ նոր ունեցած ընդհարումս էր․․․ ուրիշ խոսքով՝ այն թշվառ Թռնըկոկի հետ, որ ջրմուղի վարչության սպասավորն է․․․ և չեք դատապարտի բարկությանս սաստկությունը։

Մր․ Միկաբրն գորովանքով համբուրեց ամուսնուն ու ձեռքը սեղմեց։ Այս բոլորից ես գուշակեցի, որ մի ժամ առաջ նրա տան ջուրը կտրել էին ջրի մաքսը քաղաքային վարչությանը չվաճերու պատճառով։

Մր․ Միկաբրի հուզմունքը փարատելու համար հայտնեցի նրան, թե պունչ պատրաստելու պաշտոնը իրեն եմ հանձնում, և մոտեցրի նրան սեղանին, ուր բոլոր նյութերը՝ ռոմ, շաքար, կոկոս, կիտրոններ, արդեն առաջուց դրված էին։ Նրա սրտի դառնությունը, եթե չասենք վհատությունը, մի վայրկյանում անհետացավ։ Դեռ ոչ ոք աշխարհիս երեսին նրա նման չէր հրճվել կիտրոնը շերտ֊շերտ կտրելուց, ռոմի բուրմունքը հոտոտելուց, եռացող ջրի գոլորշին շնչելուց։ Զվարճալի էր նրա զվարթ դեմքին նայել, երբ նա թեժ կրակի կապույտ շողքով լուսավորված՝ հեղուկը խառնում էր, ճաշակում, կարծես թե պատրաստածը ոչ թե պունչ, այլ մի անսպառ հարստություն լիներ, որ սերնդից սերունդ բավելու էր իր տոհմին։ Գալով մրս․ Միկաբրին՝ չգիտեմ, արդյոք գլխանոցի՞, հուսամի ջրի՞, գնդասեղների, կրակի՞, մոմերի՞, թե մի ուրիշ պատճառով նա իմ ննջարանից դուրս գալիս համեմատաբար շատ ավելի գեղեցիկ էր և արտուտիկի պես կայտառ։

Ենթադրում եմ, հարցուփորձ չեմ արել, այլ միայն ենթադրում եմ, թե մրս Կրոպպը, ձկները խաշելուց հետո, հիվանդացած կլիներ, որովհետև ձկներից հետո մեր ճաշը կանգ առավ։ Գառան զիստը դրսից անչափ գունատ էր, մեջը կարմիր ու շատ հում, և վրայի գորշ բծերին նայելով՝ կարելի էր կարծել, թե մոխրի մեջ է թավալվել։ Բանի էությունը գուցե պարզվեր մսաջրից, եթե ջահել աղջիկը սանդուղքի վրա գայթելով, այդ հեղուկը թափած չլիներ, որի հետքերը ամենացածր աստիճանների վրա անգամ դեռ երկար ժամանակ երևում էին։ Աղավնու կարկանդակը մի բավարար, սակայն խաբուսիկ տեսք ուներ, վրայի կեղևը գանգաբանների պես խոսելով, մի հուսահատական գլխի նման էր՝ լի զանազան այտումներով ու փոսերով, որոնց տակը ոչ մի էական նյութ չկար։ Կարճ ասած՝ ճաշս այնպես էր փչացել, որ ես անբախտ կլինեի․․․ ուզում եմ ասել դրա պատճառով, էլ չասենք Դորայի․․․ եթե հյուրերիս զվարթությունն ու մր․ Միկաբրի հանճարեղ միտքն ինձ չսփոփեր։

― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― այսպիսի դեպքեր պատահում են մինչև անգամ շատ բարեկարգ տներում, իսկ այն տներում, ուր բացակա է ամեն բան կառավարող ու տնտեսող․․․ այսինքն՝ ժրաջան ու աչալուրջ կնոջ գերիշխող ազդեցությունը, դրանք կարող են ամեն րոպե պատահել․ սակայն պետք է ստոիկյան հաստատակամությամբ համբերել դրանց։ Վստահում եմ ասել, թե խորովածից համեղ ուտելիք չկա, և եթե մենք աշխատանքը բաժանելով, գործին միաբան ձեռք զարնենք, ամեն բան նորից կուղղվի և մի փառավոր ճաշ կունենանք։ Միայն թե պատվիրեցեք ձեր նորատի սպասուհուն մի կասկարա բերել ինձ։

Կասկարան ճարվեց, և մենք իսկույն փութացինք իրագործել մր․ Միկաբրի գաղափարը։ Նրա առաջարկած աշխատանքի բաժանումը հետևյալ կերպ կատարվեց․ Տրեդլսը գառան միսն էր շերտ֊շերտ կտրում, մր, Միկաբրը, որ այս տեսակ գործերի մեջ հանճար էր, շերտերի վրա մանանեխ, պղպեղ, ու աղ էր ցանում․ ես դրանք պատառաքաղով կասկարայի վրա էի դարսում, շուռ տալիս և մեկ֊մեկ հանում՝ մր․ Միկաբրի հսկողությամբ․ իսկ մրս․ Միկաբրը մի փոքրիկ կաթսայի մեջ սունկի սոուս էր տաքացնում։ Հենց որ շերտերը տապակվում էին, մենք սոթտած թևերով վրա էինք ընկնում ուտելու, և մեր ուշքը դեռ անպատրաստ ու պատրաստ շերտերի մեջ բաժանում։

Խոհարարության այս նորագյուտ եղանակը ― դրա առավելությունը, շուտ֊շուտ վերկենալու, կասկարային նայելու, շերտերը տապակվելուն պես նորից նստելու և տաք֊տաք ուտելու մեջ էր, վերջապես թեժ կրակի ազդեցությամբ մեր բորբորքված եռանդը այն աստիճան զվարճացնում էր բոլորիս, որ մենք ծիծաղի, հանաքների ու որկրամոլության աշխույժի մեջ չտեսանք էլ, թե ինչպես գառան զիստից միայն ոսկորը մնաց։ Ախորժակս հրաշալի կերպով բացվել էր։ Ամոթ է ասել, բայց պետք է ասել, որ այդ միջոցին Դորայիս անգամ կարծես մի վայրկյան, այո՛ մի վայրկյան մոռացա։ Հավատացած եմ, որ եթե մր․ Միկաբրն ու նրա կինը իրենց վերջին անկողինն էլ վաճառեին մի փարթամ ճաշ վայելելու համար, ավելի հաճույք չէին զգա, քան որ զգացին իմ ճաշից։ Տրեդլսը սկզբից մինչև վերջ հավասար ոգևորությամբ և՛ գործում էր, և՛ ծիծաղում, և՛ ուտում։ Բոլորս էլ այդպես էինք անում անխտիր։ Կարելի է հաստատ ասել, թե այսպիսի հաջողություն տեսնված բան չէր։

Արդեն հասել էինք ուրախության գագաթնակետին և մեզնից յուրաքանչյուրը ջանադիր էր ոչխարի մսի վերջին շերտերը կատարելության հասցնել, որպեսզի մեր խնջույքն արժանապես վերջանա, երբ հանկարծ սենյակումս մի նորեկ մարդ նշմարեցի և աչքերս Լիտտիմերի աչքերին դիպան, որ գլխարկը ձեռքին լուրջ կանգնած էր իմ առջև։

― Ի՞նչ է պատահել, ― հարցրի ես ակամա։

― Խնդրեմ ներեցեք, սըր։ Ինձ ասացին, որ ներս մտնեմ, ես էլ մտա։ Արդյոք իմ տերն այստեղ չէ՞, սըր։

― Ոչ։

― Չե՞ք տեսել նրան, սըր։

― Ոչ․ մի՞թե նրա կողմից չեք գալիս։

― Իսկապես ոչ, սըր։

― Ուրեմն նա ձեզ ասած կլինի, թե իրեն այստեղ կգտնեք։

― Ոչ լիովին այդպես, սըր։ Սակայն կարծում եմ, որ եթե այսօր այստեղ չէ, ուրեմն վաղը կլինի։

― Անշուշտ Օքսովորդից գալո՞ւց հետո։

― Ներեցեք, սըր, ― ասաց Լիտտիմերը հարգանքով։ ― Խնդրեմ հաճեցեք նստել և թույլ տվեք, որ այդ բանը ես անեմ։

Եվ այս ասելով նա իմ ձեռքից առավ պատառաքաղը, որ չէի կարող չտալ, և կասկարայի վրա կռացավ, որի վրա կարծես և իր բոլոր ուշքն ու միտքը ամփոփեց։

Նույնիսկ Ստիրֆորթի երևալը մեզ այնքան չէր շփոթի, ինչքան որ նրա մեծարո սպասավորը մեզ շփոթեց, այլայլեց ու փոքրացրեց։ Մր․ Միկաբրն սկսեց մի ինչ֊որ երգ մրմնջալ անտարբեր ձևանալու համար, սակայն շտապ֊շտապ նստելիս այն աստիճան վատ թաքցրեց պատառաքաղն իր ծոցում, որ դուրս տնկված կոթին նայելով կարելի էր կարծել, թե իր փորն էր մխել ինքն իրեն սպանելու համար։ Մրս․ Միկաբրը շտապեց իր մթագույն ձեռնոցները հագնել և մի շնորհալի հոգնություն ցույց տալ։ Տրեդլսը ճարպոտ մատներով իր գլխի մազերը հիմն ի վեր քրքրեց, որոնք ավելի դիզվեցին, և շվարած սկսեց նայել սփռոցին։ Իսկ ես մի խոնարհ մանուկ էի դարձել, նստած իմ սեփական սեղանի գլխին, և հազիվ հանդգնում էի մի երկչոտ ակնարկ նետել պատկառելի կերպանանքի վրա, որ ո՞վ գիտե որտեղից էր եկել կարգի բերելու իմ տունը։

Այնինչ նս մսի կտորներն զգուշությամբ կասկարայի վրայից հանեց և ամեն մեկիս խոնարհաբար առաջարկեց։ Վերցրինք մի֊մի պատառ, բայց միայն ձևի համար, որովհետև մեր ախորժակն արդեն կորել էր։ Նա տեսնելով․ որ մեր պնակները մի քանի անգամ մի կողմ հրեցինք, հանդարտ կերպով հավաքեց դրանք ու պանիր դրեց սեղանի վրա։ Հետո պանիրն էլ վերցրեց, սեղանը մաքրեց, մեր առջև մի֊մի հատ գինու բաժակ դրեց և առանց իմ հրամանի, բոլոր ամաններն ու սպասքները պահարանի մեջ դրեց։ Այս բոլորը նա լավից լավ արեց և այնպես խորասուզված մտքերի մեջ, որ վրաս նայելու ժամանակ էլ չէր գտնում։ Այնինչ, երբ նա մեջքը դեպի ինձ դարձրեց, նրա արմունկներն անգամ բարձրաձայն հայտնեցին նրա հաստատ համոզումը, թե ես դեռ շատ միամիտ երեխա եմ։

― Էլ ի՞նչ կհրամայեք, որ անեմ, սըր։

Շնորհակալություն հայտնելով ասացի, թե ոչինչ հարկավոր չէ, և առաջարկեցի, որ ինքն էլ ճաշի։

― Ոչ, սըր, մեծապես շնորհակալ եմ։

― Մր․ Ստիրֆորթն Օքսվորդի՞ց է գալիս։

― Երևի, սըր, վաղն այստեղ կլինի։ Հույս ունեի, սըր, այսօր ձեզ մոտ գտնել նրան։ Բայց տեսնում եմ, որ սխալված եմ, սըր, ներեցեք։

― Եթե ինձնից առաջ նրան տեսնեք․․․ ― ասացի ես։

― Կներեք, սըր, չեմ կարծում, որ ձեզնից առաջ տեսնեմ նրան։

― Բայց և այնպես, եթե տեսնեք, ասացեք նրան, թե շատ ցավում եմ, որ նա այսօր մեզ հետ չէր, այստեղ նա մի հին դասընկեր կգտներ։

― Իրա՞վ, սըր, ― ասաց Լիտտիմերը և խոնարհաբար ողջույն տալով ինձ ու Տրեդլսին՝ մի թեթև ակնարկ նետեց նրա վրա։

Արդեն մր․ Լիտտիմերը ծանրաքայլ մոտենում էր դռանը, երբ ես, զայրանալով, որ մինչև այժմ գեթ մի կարևոր բան չէի հարցրել նրանից․․․ թեև կցանկանայի․․․ գոչեցի․

― Է՛յ, Լիտտիմեր։

― Հրամայեցեք, սըր։

― Այս անգամ երկա՞ր մնացիք Յարմաութում։

― Շատ երկար չմնացի, սըր։

― Նավակի նորոգությունը ձե՞ր մոտ վերջացրին։

― Այո, սըր։ Հատկապես դրա համար էր, որ այնտեղ մնացի։

― Գիտեմ։

Նա ակնածությամբ վրաս նայեց։

― Մր․ Ստիրֆորթը գուցե դեռ տեսած էլ չլինի այդ նավը, ― ասացի ես։

― Ստույգն ասել չեմ կարող, սըր։ Բարի գիշեր եմ մաղթում ձեզ, սըր։

Այս ասելով նա ակնածու խոնրահությամբ մի ընդհանուր ողջույն տվեց բոլորիս ու գնաց։ Նրա հեռանալուն պես հյուրերս ավելի ազատ շունչ քաշեցին, իսկ ես մի մեծ թեթևություն զգացի, որովհետև բացի այդ հոգեկան ճնշումից, որ ամեն ժամանակ պատճառում էր ինձ այդ մարդու ներկայությունը, խիղճս վկայում էր, թե ես նրա տիրոջ նկատմամբ մի թեթև կասկած ցույց տվի, և վախենում էի, թե այս կասկածը Լիտտիմերի սուր աչքից ծածուկ չմնա։ Չնայած որ ես համարյա թե թաքցնելու բան չունեի, այնուամենայնիվ, չգիտեմ ինչո՞ւ, միշտ վախենում էի, թե այդ մարդը սրտիս խորքը տեսնում է։

Մր․ Միկաբրը վերջ տվեց մտմտուքիս, անթիվ գովասանք շռայլելով բացակա Լիտտիմերին, որը նրա ասածի համաձայն՝ մի պատվական տղամարդ էր ու հիանալի սպասավոր։ Պետք է ասել, որ մր․ Միկաբրը Լիտտիմերի ընդհանուր ողջույնի մեծագույն մասը հատկապես իր անձին էր վերագրել և անսահման զիջողությամբ փոխարենը հաստատեց։

― Սակայն պունչը, սիրելիդ իմ, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, խմիչքի համը տեսնելով, ― ժամանակի ու ծովի ընթացքի պես՝ ոչ մի մարդու չի սպասում։ Ահ, բուրմունքն ու համը այս րոպեիս կատարյալ են։ Հոգյակ իմ, հապա մի տես ու կարծիքդ ասա։

Մրս․ Միկաբրը հայտարարեց, թե պունչը իրոք սքանչելի է։

― Ուրեմն խմենք, ― ասաց մր․ Միկաբրը, ― եթե իմ բարեկամ Կոպպերֆիլդը բարեհաճի թույլ տալ, ի հիշատակ այն օրերի, երբ իմ բարեկամ Կոպպերֆիլդն ու ես ավելի երիտասարդ էինք քան այսօր, ձեռք֊ձեռքի տված կռիվ էինք մղում կյանքի դառն աղետների դեմ։ Կարող եմ կրկնել Կոպպերֆիլդի վերաբերմամբ միևնույն երգի խոսքերը, որ հաճախ երգել ենք ես ու նա։


«Մենք միասին դաշտ ու հովիտ չափեցինք,

Եվ միասին թարմ գավեններ քաղեցինք»․․․


Հարկավ սա այլաբանորեն է ասված, վասն զի ինքս էլ չգիտեմ, թե գավեն բառն ի՞նչ է նշանակում, ― շարունակեց մր․ Միկաբրը, ձայնին տալով նախկին գեղգեղանքը ու վայելուչ երևէջներ փնտրելով, ― բայց և այնպես վստահ եմ, որ Կոպպերֆիլդն ու ես շատ գավեններ կքաղեինք, եթե միայն հնար լիներ։

Մր․ Միկաբրը բաժակը պարպեց․ մենք էլ նույնն արինք, թեև Տրեդլսը շվարած էր թվում՝ մտածելով, թե ե՞րբ ենք ես ու մր․ Միկաբրը ընկերովի կռիվ մղել կյանքի դառն աղետների դեմ։

― Հըմ, ― ասաց մր․ Միկաբրը, իր կոկորդը մաքրելով և վառարանի կրակից ու պունչից տաքանալով։ ― Հոգյակ իմ, կուզե՞ս էլի մի բաժակ։

Մրս․ Միկաբրը պատասխանեց, թե միայն մի կաթիլ կցանկանա, սակայն մենք բողոքեցինք միայն մի կաթիլի դեմ, և բաժակը լիքը լցվեց։

― Որովհետև այստեղ բոլորս մտերիմներ ենք, ― ասաց մրս․ Միկաբրը՝ պետք է ումպ֊ումպ խմելով, ― և մր․ Տրեդլսը մեր մարդն է, ուստի կցանկանայի, մր․ Կոպպերֆիլդ, ամենիդ կարծիքը մր․ Միկաբրի պլանների մասին իմանալ։ Վասն զի ցորենի առևտուրը, ― ասաց մրս Միկաբրը դրական կերպով, ― ինչպես որ հաճախ նույնիսկ մր․ Միկաբրին կրկնել եմ, թեև ջենտլմենի հարմար գործ է, բայց ամենևին շահաբեր չէ։ Ասացեք խնդրեմ, մի՞թե կարելի է, որքան էլ մեր պահանջները սահմանափակ լինեին, շահավետ անվանել մի կոմիսիոն, որի արդյունքը տասնչորս օրում երկու շիլինգ և ինը պենս է։

Բոլորս էլ հաստատեցինք, թե չի կարելի։

― Ուրեմն, ― ասաց մրս․ Միկաբրը, որ պարծենում էր թե իր դրական մտքով ու կանացի խելքով շատ անգամ մարդուն մի թյուր ճանապարհ բռնելու վտանգից ազատել է, ― ուրեմն անհրաժեշտ է, որ ինքս ինձ հարցնեմ՝ եթե ցորենի գործն ապահով չէ, հապա ո՞րն է ապահովը։ Արդյոք քարածո՞ւխը։ Ամենևին։ Ընտանիքիս խորհրդով արդեն մի անգամ փորձել էինք այդ ճյուղի վրա ուշադրություն դարձնել, բայց վնասից բացի՝ բնավ ուրիշ բան չտեսանք։

Մր․ Միկաբրը, մեջքն աթոռին դեմ տված ու ձեռքը գրպանը խոթած, մեզ բոլորիս աչքով ունքով նշան էր անում, թե չէր կարելի դրանից ավելի պարզ բացատրել խնդիրը։

― Ածուխն ու ցորենը հաշվից հանելով, ― շարունակեց մրս․ Միկաբրը է՛լ ավելի վստահորեն, ― ինձ կմնա, մր․ Կոպպերֆիլդ, շուրջս նայել ու հարցնել՝ ո՞րն է ուրեմն այն գործը, որի մեջ մր․ Միկաբրի ձիրքերով օժտված մի մարդ կարող էր հաջողություն ունենալ։ Կոմիսիոնով գործ տեսնելու գաղափարին ես հակառակ եմ․ կոմիսիոնը խախուտ բան է։ Մր․ Միկաբրի բնավորության տեր մարդուն, իմ համոզումով․ մի վստահելի ու հաստատ գործ է հարկավոր։

Տրեդլսն ու ես ջերմ շշունջով հայտնեցինք, թե այդ կարծիքը հիմնավոր է մր․ Միկաբրի նկատմամբ և մեծ պատիվ է բերում նրան։

Չեմ ուզում ձեզնից թաքցնել, մր, Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― որ իմ վաղուցվա կարծիքով գարեջրի գործը ամենից ավելի հարմար կգա մր․ Միկաբրի հակումներին։ Տեսեք Բերկլին ու Պերկինսը ինչպես առաջ գնացին։ Տեսեք՝ որքան հարստացան Տրումանը, Բիքստընը և Հենրիվրին։ Ահա այս լայն ասպարեզի վրա է, որ իմ սրտի վկայությամբ կարող էր պայծառ լույսով շողշողալ մր․ Միկաբրի հանճարը․ իսկ օգուտները, ասածներին նայելով ահ֊հագին են։ Սակայն քանի որ մր․ Միկաբրը չի կարողանում այդ ֆիրմաները մուտք գործել․․․ և նույնիսկ իր գրավոր առաջարկներին՝ ծառայելու մինչև անգամ մի հասարակ պաշտոնով, ոչ մի պատասխան չեն տալիս․ ի՞նչ կարիք կա այս նյութի վրա կանգ առնելու։ Եվ ոչ մի։ Գալով մի սեփական բանկ հիմնելու խնդրին, քաջ գիտեմ, որ իմ ազգատոհմ անդամներից շատերը կարող էին այդպիսի տուն հաստատել, եթե միայն բարվոք դատեին մր․ Միկաբրի խնամքին հանձնել իրենց դրամը։ Սակայն քանի որ նրանք չեն ուզում իրենց դրամը մր․ Միկաբրին հանձնել․․․ և երբեք չպիտի ուզենան, էլ ինչու երկարաբանենք այս մասին։ Այսպես, ուրեմն, ես պնդում եմ, որ մենք դարձյալ այն կետի վրա ենք կանգնած, որ առաջ էլ կանգնած էինք, և մի քայլ առաջ չենք անցել։

Ես գլուխս շարժեցի և ասացի․ «Եվ ոչ մի քայլ»։ Տրեդլսն էլ գլուխը շարժեց և ասաց․ «Եվ ոչ մի քայլ»։

Այդ ի՞նչ կմնա այս բոլորից հետևեցնել, ― ասաց մրս․ Միկաբրը, խնդիրն է՛լ ավելի լուսաբանելու եռանդով։ ― Ո՞րն է այն եզրափակությունը, որ ստիպված են անել, հնազանդվելով փաստերի հաղթող զորությանը։ Մի՞թե սխալված կլինեմ, սիրելի մր․ Կոպպերիլդ, եթե ավելացնեմ, թե մեզ անշուշտ ապրել, ապրե՛լ է պետք։

«Բնավ ոչ», պատասխանեցի ես։ Տրեդլսն էլ կրկնեց՝ «Բնավ ոչ»․ հետո ես փիլիսոփայորեն ավելացրի, թե մարդս պիտի կամ ապրի, կամ մեռնի։

― Ճիշտ այդպես է, ― հաստատեց մրս․ Միկաբրը։ ― Իսկ և իսկ այդպես։ Եվ բանն այս է, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, որ մենք չենք կարող ապրել, եթե մեր արդի պայմանները հիմնական փոփոխության չենթարկվեն։ Ես կասկած ունեմ, և վերջերս մր․Միկաբրին էլ հաճախ ասել եմ, թե փոփոխությունը ինքն իրեն չի կատարվի։ Մասամբ մեզ էլ անհրաժեշտ է այդ փոփոխությանը նպաստել։ Թերևս սխալվեմ, սակայն այս է իմ կարծիքը։

Տրեդլսն ու ես բարձրաձայն հավանություն տվեցինք։

― Շատ բարի, ― ասաց մրս․ Միկաբրը։ ― Արդ իմ խորհրուրդն ի՞նչ է։ Ահա մր․ Միկաբրն իր բազմազան ձիրքերով․․․ մեծ տաղանդով․․․

― Աչքի՜ս լույս, ― ասաց մր․ Միկաբրը։

― Թույլ տուր, հոգյակ, ավարտեմ։ Ահա մր․ Միկաբրն իր բազմակողմանի ձիրքերով, մեծ տաղանդով․․․ կարող եմ ասել հանճարով, եթե միայն խոսքս կնոջ կողմնակալության չվերագրեք․․․

Տրեդլսն ու ես մրմնջացինք՝ «Ամենևին»։

― Այսուամենայնիվ, մր․ Միկաբրն անգործ է, մի կարգին պաշտոն չունի։ Եվ այս բոլորի պատճառն ո՞վ է։ Անտարակույս՝ հասարակությունը։ Հետևաբար ես կցանկանայի այս թշվառ հանգամանքը հրապարակ հանել ու համարձակ հրավեր կարդալ հասարակության, որ նա իր հանցանքն ուղղի։ Իմ կարծիքով, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը բարձր ձանով, ― մր․ Միկաբրին ուրիշ բան չի մնում անել, բայց եթե ձեռնոց նետել հասարակությանը ու քաջորեն ասել․ «Տեսնենք ո՞վ կվերցնի այս ձեռնոցը․ թո՜ղ նա իջնի ասպարեզ»։

Հանդգնեցի հարցնել մրս․ Միկաբրին, թե ինչպե՞ս է արվում այդ։

― Ինչպե՜ս։ Հայտարարելով բոլոր լրագրերում, ― ասաց մրս․ Միկաբրը։ ― Բացահայտ է, որ մր․ Միկաբրը պարտավոր է, եթե կամենա արդար լինել դեպի իր անձը, արդար դեպի իր ընտանիքը և արդար նույնիսկ դեպի հասարակությունը, որ մինչև այժմ նրան անտես է թողել, հայտարարություն տալ բոլոր թերթերին, ճիշտ նկարագրել իր անձը ու ձիրքերը և ի վերջո ավելացնել․ Արդ՝ ձեզ կմնա առաջարկել ինձ որևէ գործ՝ պատշաճ ռոճիկով։ Դիմել Ուիլ Մ֊ին, poste-restante Կեման Տաուն»։

Մր․ Միկաբրն իր օձիքի անկյուններն իրար մոտեցրեց, կզակը շփեց ու շեղակի վրաս նայելով ասաց․

― Ահա սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, մրս․ Միկաբրի այդ գաղափարն է իսկապես այն ցատկումը, որի մասին ակնարկել էի ձեզ մեր վերջին տեսակցության ժամանակ։

― Լրագրական հայտարարություններ կարծեմ բավական թանկ արժեն, ― կմկմացի ես։

― Իրա՜վ է, ― ասաց մրս․ Միկաբրը դարձյալ նույն տրամաբանական եղանակով։ ― Ձեր ասածը շատ ճշմարիտ է, սիրելի մր․ Կոպպերֆիլդ։ Ես էլ եմ մր․ Միկաբրին ճիշտ մի այդպիսի նկատողություն արել։ Եվ ըստ իս՝ այդ իսկ պատճառով մր․ Միկաբրը պարտավոր է, եթե կամենա, ինչպես որ արդեն ասել եմ, արդար լինել դեպի իր անձը, արդար լինել դեպի իր ընտանիքը և արդար դեպի հասարակությունը, պարտավոր է մի գումար ճարել․․․ մուրհակով։

Մր․ Միկաբրը, մեջքն աթոռին դեմ տված և իր սղոցի հետ խաղալով, մեկ առաստաղին էր նայում, և մեկ կրակի մոտ նստած Տրեդլսին։

― Եթե իմ ընտանիքի անդամներից, ― ասաց մրս․ Միակբրը, ― ոչ մեկը այնքան զգացում չունենա, որ այդ մուրհակը շահագործի․․․ կարծում եմ մի ավելի գործնական բառ կա ասելիսքս հայտնելու համար․․․

― Զեղչել, ― թելադրեց մր․ Միկաբրը, աչքերը առաստաղին բևեռելով։

― Այո, մուրհակը զեղչել, ― ասաց մրս․ Միկաբրը, ― այն ժամանակ մր․ Միկաբրը լավ կանի, եթե Սիտի գնա, իր մուրհակը բորսա տանի ու ինչ գնով էլ որ լինի գործի մարդկանց վաճառի։ Եթե բորսայի մարդիկ մր․ Միկաբրին հարկադրեն շատ զգալի զոհբերություն անել, թող այդ բանը նրանց խղճի վրա ծանրանա։ Իմ կարծիքով, համենայն դեպս, դա մի հաջող շահագործություն կլինի, ուստի և, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ես քաջալերում եմ մր․ Միկաբրին, որ նա էլ իմ աչքով նայի, այսինքն՝ շահավետ համարի այն, որքան էլ զոհերը մեծ լինեն։

Չգիտեմ ինչո՞ւ ինձ այնպես թվաց, թե այս խորհուրդը մրս․ Միկաբրի անշահասիրության ապացույց է և ամուսնու նկատմամբ անձնվիրության օրինակ, և ես այդ իմաստով մի քանի խոսք շշնջացի․ ինձ հետևելով, նույնն արեց և Տրեդլսը, որ շարունակում էր կրակին նայել։

― Չեմ երկարացնի, ― ասաց մրս․ Միկաբրը, իր պունչը վերջացնելով ու շալն ուսին քաշելով՝ իմ ննջարանը գնալու համար, ― չեմ երկարացնի խոսքերս մր․ Միկաբրի դրամական գործերի մասին։ Այստեղ, ձեր տանիքի տակ, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, և մր․ Տրեդլսի ներկայությամ, որ թեև հին ընկեր չէ, բայց մեր շրջանին է պատկանում, ես չէի կարող զսպել ինձ ու չպարզել ձեզ, թե ի՞նչ պիտի լինի, իմ կարծիքով, մր․ Միկաբրի անելիքը։ Զգում եմ, արդեն հասել է ժամանակը, երբ մր․ Միկաբրը պետք է ամեն ճիգ ու ջանք թափի իր իրավունքը պաշտպանելու համար։ Միջոցն արդեն ցույց տվի։ Քաջ գիտեմ, ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ մի կին, գիտեմ նաև, որ այս տեսակ գործերի մեջ տղամարդու դատողությանը ավելի մեծ կշիռ է տրվում, սակայն անկարող եմ մոռանալ, որ երբ հայրիկիս ու մայրիկիս մոտ էի ապրում, նրանք հաճախ կրկնում էին․ «Մեր Էմման մի թույլ աղջիկ է, բայց առողջ ու սուր միտք ունի, և բանի էությունը ոչ ոքից վատ չի ըմբռնում»։ Համաձայն եմ, որ այս բանում հայրիկս կողմնապահ էր, բայց որ նա, գոնե մասամբ, մարդկային բնավորություն ճանաչող մարդ էր՝ այս մասին կասկածել ո՛չ իմ պատիվը կների, ո՛չ էլ խելքը։

Այս խոսքերն ասելուն պես մրս․ Միկաբրն վերկացավ, և չնայելով մեր աղաչանքներին, որ պունչի վերջին բաժակը վայելի, գնաց իմ ննջարանը։ Եվ ես ինքս ինձ մտածեցի, թե նա մի ազնիվ կին է՝ հրոմեական մատրոնների տեսակից, որ հասարակության շփոթների ժամանակ ինչ դյուցազնական գործ էլ ասես ընդունակ է կատարել։

Այս ջերմ տպավորության ներքո ես մր․ Միկաբրին երանի տվի, որ մի այդպիսի գանձ ունի․ Տրեդլսն էլ նույնն արեց։ Մր․ Միկաբրը երկուսիս աջն էլ հերթով սեղմեց և հետո իր երեսը թաշկինակով ծածկեց, որի վրա, հարկավ իր կարծացից ավելի բծեր կային։ Այնուհետև ամենամեծ զվարթությամբ նորից իր պունչին դարձավ։

Եվ նրա ճարտար լեզուն բացվեց։ Նա շտապեց հասկացնել, թե մարդս նորից է ապրում զավակների մեջ, և թե նրանց թվի աճելը դրամական տագնապների միջոցին կրկնապատիկ ընդունելի ու հաճելի է։ Նա ասաց, թե նորերս մրս․ Միկաբրը այս մասին մի քանի տարակույսներ է ունեցել, բայց թե իրեն՝ մր․ Միկաբրին, հաջողվել է փարատել դրանք ու վերստին սրտապնդել ամուսնուն։ Գալով ամուսնու ազգականներին, նրանք անարժան մարդիկ են, և ինքը նրանց կարծիքն արհամարհում է և սրտանց կցանկանա, որ․․․ մր․ Միկաբրի հատուկ բառերը կրկնելով․․․ բոլորին էլ գրողը տաներ։

Այնուհետև մր․ Միկաբրը մի ջերմեռանդ գովեստ նվիրեց Տրեդլսին։ Տրեդլսի հաստատ առաքինություններին նա (մր․ Միկաբրը) թեև չի կարող պաշտպանել, բայց փառք է տալիս աստծուն, որ գոնե ընդունակ է հիանալով գնահատել դրանք։ Նա մի գորովալի ակնարկ արեց այն անծանոթ կույսի մասին, որին Տրեդլսը իր սիրով մեծացրել է և որ փոխադարձ սիրով պատվել ու երջանկացրել է․․․ Տրեդլսին։ Մր․ Միկաբրը կենաց բաժակ նվիրեց կույսին։ Ես էլ նույնը կրկնեցի։ Տրեդլսը երկուսիս էլ շնորհակալություն հայտնեց և մի գրավիչ պարզությամբ ասաց․ «Հատուկ շնորհակալ եմ, պարոններ։ Մեկ տեսնեիք, ի՞նչ պատվական աղջիկ է»։

Այս բաժակից հետո մր․ Միկաբրը մի զարմանալի նրբանկատությամբ ու զգուշությամբ իմ սրտի վիճակի վրա էլ ակնարկեց։ Մինչև իր դեմ մի զորեղ փաստ չդնեն և իր ասածը չհերքեն, ասաց նա, ինքը չի հրաժարվի այն համոզումից, որ իր բարեկամ Կոպպերֆիլդը և՛ սիրում է, և՛ սիրված է։ Այս խոսքերը կրակ գցեցին սրտիս մեջ։ Երկար ժամանակ ամաչելով, կարմրելով, հուզվելով ու կմկմալով հերքելու փորձեր անելուց հետո, վերջապես բաժակը վերցրի ու գոչեցի․ «Ոիրեմն Դ֊ի կենա՜ցը», և մր․ Միկաբրը այն աստիճան ուրախացավ ու տաքացավ, որ պունչը ձեռքին ուղղակի իմ ննջարանը վազեց, որպեսզի մրս․ Միկաբրն էլ Դ֊ի կենացը խմի։ Տիկինը փութաց այդ անել և ներսից բարձր ձայնով ճվաց․ «Բրավո՜, բրավո՜, սիրելի մր․ Կոպպերֆիլդ։ Հիանալի՜ է, և ի նշան ցնծության՝ սկսեց բռնուցքով պատը ծեծել։

Դրանից հետո մեր խոսակցությունն ավելի պարզ ընթացք ստացավ։ Մր․ Միկաբրը հայտնեց մեզ, թե Կեման Տաունի բնակարանից շատ դժգոհ է, և թե հենց որ իր լրագրական զեկուցումները հաջող ելք գտնեն, նա մի ուրիշ տեղ կբնակվի։ Նա հիշեց մի տուն, Օքսֆորդ Ստրիտի[44] արևմտյան ծայրում՝ Հայդ Պարկի դեմուդեմ գտնվող մի հոյակապ ապարանք, որ արդեն վաղուց ընտրել է, բայց հույս չուներ իսկույն այնտեղ քաշվելու, որովհետև մի այդպիսի տուն պահելն ահագին ծախս կպահանջեր։ Ուստի հավանական է, որ նա ստիպված լինի միառժամանակ վերնահարկի բնակարանով բավականանալ․․․ օրինակի համար, Պիկադիլիի բանուկ կողմերում, որ անշուշտ մրս․ Միկաբրին դուր կգար, և ուր Վենետիկի պատուհան շինելով կամ տանիքի վրա դարձյալ մի հարկ ավելացնելով կամ թե մի ուրիշ թեթև փոփոխություն անելով, թերևս կարող է մի քանի տարի հանգիստ ապրել։ Սակայն ինչ էլ պատահի, կամ որտեղ էլ նա բույն դնի, հարեց նա, իր մոտ միշտ Տրեդլսի համար գեթ մի սենյակ կճարվի, իսկ ինձ համար մի պատառաքաղ ու դանակ։ Մենք շնորհակալ եղանք, և նա խնդրեց ներել իրեն՝ այսպիսի գործնական մանրամասների մեջ մտնելու համար՝ արդարև մի ներելի հանգամանք այսօր կամ վաղը մի նոր կյանք սկսող անձի վերաբերմամբ։

Մրս․ Միկաբրը մեր մտերմական խոսակցության այս մասն ընդհատեց նորից պատը ծեծելով՝ իմանալու թե արդյոք թեյը պատրա՞ստ է։ Նա ինքը սիրով հանձն առավ թեյը լցնել, և երբ ես մոտենում էի նրան, բաժակները բաժանելիս կամ թե պաքսիմաթը շրջեցնելիս, նա կամացուկ հարցնում էր ― արդյոք Դ֊ն թխահե՞ր է․ թե՞ շիկահեր, և կամ բարձրահասա՞կ է, թե՞ կարճլիկ, և կամ՝ սևորա՞կ աչքեր ունի, թե՞ կապույտ, և ուրիշ այսպիսի բաներ, որոնք կարծեմ բնավ անախորժ չէին ինձ համար։ Թեյից հետո զանազան բաների մասին սկսեցինք զրուցել վառարանի առջև, և մրս․ Միկաբրը շնորհ արեց ջախջախված և սուրբ ձայնիկով երգելու «Սպիտակ զինվորի» և «Փոքրիկ Տեֆլինի» երգերը։ Այս երկու երգերով մրս․ Միակբրը հռչակված է եղել դեռ իր հայրիկի ու մայրիկի տանն ապրելիս։ Մր․ Միկաբրը մեզ պատմեց, թե երգչուհու առաջին երգը, առաջին անգամ նրան հոր տանը լսելուն պես՝ հափշտակվել է դրանով, իսկ երբ բանը «Փոքրիկ Տեֆլինին» է հասել, նա իսկույն ևեթ երդվել է կամ տիրանալ երգչուհուն և կամ մեռնել այդ խիզախ ձեռնարկի մեջ։

Ժամը արդեն տասն անց կես էր, երբ մրս․ Միկաբրը վերկացավ՝ իր գլխանոցը գորշ թղթի մեջ փաթաթելու և գլխարկը հագնելու համար։ Մր․ Միկաբրը օգուտ քաղելով այն րոպեից, երբ Տրեդլսը իր վերարկուն էր որոնում, մի տոմսակ խոթեց ձեռքիս մեջ ու փսփսաց, որ հետո կարդամ։ Ես էլ իմ հերթին, երբ սանդուղքը մոմով լուսավորում էի, իսկ մր․ Միկաբրը ներքև էր իջնում իր կնոջ հետ, մի վայրկյան Տրեդլսին բռնեցի և ասացի․

― Տրեդլս, մր․ Միկաբրը չար մարդ չէ, բայց և այնպես, եթե ես քո տեղը լինեի, ոչ մի բան չէի տա նրան։

― Սիրելի Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Տրեդլսը ժպտալով, ― ի՞նչ ունեմ որ, ինչ տամ։

― Դու ունես մի լավ անուն, հասկանո՞ւմ ես։

― Բայց միթե անունը տալո՞ւ բան է, ― ասաց Տրեդլսը, լուրջ նայելով երեսիս։

― Անտարակույս, և թանկագին բան։

― Կարելի է։ Շատ շնորհակալ եմ, Կոպպերֆիլդ․․․ ― շատ շնորհակալ, բայց ես․․․ արդեն տվել եմ նրան այդ բանը։

― Այն մուրհակի համա՞ր, որ պիտի գրավ դրվի, ― հարցրի ես։

― Ոչ, ― ասաց Տրեդլսը, ― դրա համար չէ․ դրա մասին այսօր միայն լսեցի և նույն րոպեին մտքովս անցավ, որ տուն գնանք թե չէ՝ նա ինձ կխնդրի մուրհակը ստորագրել։ Իմ ստորագրածն ուրիշ է։

― Բայց երանի թե այդ ուիշը մի անվտանգ մուրհակ լինի և գլխիդ փորձանք չբերի, ― ասացի ես։

― Չեմ կարծում, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Չեմ կարծում, որոհետև նա դեռ անցյալ օր ինձ ասել էր, թե վճարումն արդեն ապահովված է։ Մր․ Միկաբրն ինքն անձամբ ինձ ասաց, թե արդեն ապահովված է։

Մեր բանակցության հենց այդ վայրկյանին ես մր․ Միկաբրի վերև նայելը նկատելով, հազիվ ժամանակ գտա ընկերոջս նորից զգուշացնելու։ Տրեդլսը շնորհակալություն հայտնեց ու ներքև իջավ։ Բայց երբ նա մրս․ Միկաբրի ձեռքից գլխանոցն առավ ու նրան իր թևն առաջարկելու շտապեց, ես մի ակամա երկյուղ զգացի, թե նա ուղղակի ոտքով֊գլխով բորսայի մարդկանց ճիրաններն ընկնելու է գնում։

Մտա սենյակս ու կրակի առաջ նստելով սկսեցի կես֊զվարթ, կես֊լուրջ տրամադրությամբ, մր․ Միկաբրի բնավորության ու մեր հին կապերի մասին մտածել։ Հանկարծ սանդուղքի վրա արագ ոտնաձայներ լսվեցին։ Մի պահ կարծեցի, թե Տրեդլսն է գալիս մրս․ Միկաբրի որևէ մոռացած իրը վերցնելու, սակայն երբ քայլերը մոտեցան, սիրտս թնդաց, արյունը երեսիս խփեց․ եկվորը Ստիրֆորթն էր։

Ես երբեք չէի մոռացել Ագնեսին, և ոչ մի ժամանակ, եթե կարելի է այսպես ասել, նա իմ մտքերի սրբարանից չէր հեռացել։ Բայց երբ Ստիրֆորթը ներս մտավ ու բազկատարած առջևս կանգնեց, նրա վրա ընկած ստվերը իսկույն տեղի տվեց լույսին, և ես շփոթված, ամոթահար մնացի, որ գեթ մի վայրկյան կասկածել էի իմ սիրելի ընկերոջ վրա։ Ագնեսն էլ ոչ պակաս սիրելի էր ինձ․ նա դարձյալ կյանքիս բարի հրեշտակն էր․ կշտամբանքս ոչ թե նրան էր վերաբերում, այլ միայն ինձ, որ ընկերոջս առջև անարդար էի գտնվել։ Եվ պատրաստ էի հանցանքս քավել, եթե միայն գիտենայի՝ ինչպե՞ս քավել։

― Ինչո՞ւ ես լուռ, ա՛յ Դեյզի, ― ասաց Ստիրֆորթը, ուրախ֊ուրախ աջս սեղմելով։ ― Կարծեմ էլի մի լավ քեֆ ես վայելել, ա՛յ փափկասեր։ Ինձ թվում է թե Համայնքի պարոններդ շատ ուրախ կյանք եք վարում Լոնդոնում, իսկ մենք Օքսվորդի ուսանողներս հասարակ ճգնավորներ ենք ձեր առջև։

Նա կայտառ աչքով սենյակս զննեց ու նստելով բազմոցի վրա, ուր փոքր֊ինչ առաջ մրս․ Միկաբրն էր բազմած, վառարանի կրակը խառնեց։

― Այնքան զարմացած եմ, Ստիրֆորթ, ― ասացի ես, սրտանց նրան բարի գալուստ մաղթելով, ― որ հազիվ եմ քեզ ողջունելու համար շունչ գտնում։

― Դե լավ։ «Իմ պատկերը օգուտ է բերում հիվանդ աչքերին» սովոր են ասել շոտլանդացիք, սիրելի Դեյզի, ահա ես էլ վարդագույն դեմքիդ նայելով հրճվում եմ։ Ինչպե՞ս ես, իմ բաքոսապաշտ։

― Շատ լավ եմ, բայց Բաքոսին հարկ չեմ վճարել այս երեկո, թեև երեք հյուր ունեի։

― Երեքին էլ փողոցում տեսա․ միաբերան գովում էին քեզ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Սակայն ո՞վ է այն նեղ տաբատով բարեկամդ։

Մի քանի բառով նկարագրեցի մր․ Միկաբրի ով լինելը։ Ստիրֆորթը սրտանց քրքրջաց ջենտլմենի նկարագիրը լսելիս ու ասաց, թե արժի ծանոթանալ այդ մարդու հետ, և անպատճառ կծանոթանա։

― Հապա իմացիր՝ ո՞վ է մյուս բարեկամս, ― հարցրի ես իմ հերթին։

― Ինչ գիտեմ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Համենայն դեպս փոքր֊ինչ թթված էր երևում։

― Տրեդլսն էր, ― գոչեցի ես հաղթական ձայնով։

― Այդ ո՞վ է, ― հարցրեց Ստիրֆորթը իր անհոգ եղանակով։

― Մի՞թե չես հիշում Տրեդլսին։ Սալեմ Հաուսի Տրեդլսին։

― Ա, ա՞յն տղան, ― ասաց Ստիրֆորթն և ունելիով խփեց ածխի կտորին։ ― Այժմ էլ առաջվա պես փափկասի՞րտ է։ Որտեղի՞ց նրան լույս աշխարհ հանեցիր։

Ես գովեցի Տրեդլսին, որովհետև Ստիրֆորթը կարծես նրան բանի տեղ չէր դնում։ Սակայն գովասանքս չազդեց Ստիրֆորթի վրա։ Նա ժպտալով գլուխը շարժեց և այս խոսակցությունը կարճ կապելու համար ասաց, թե որքան էլ այդ հին ընկերը խենթուլիկ լինի, ավելորդ չէր համարի տեսնել նրան․ ի վերջո հարցրեց, թե չե՞մ կարող արդյոք որևէ ուտելու բան տալ իրեն։ Այս բոլորը շտապ֊շտապ ասելիս, նա շարունակում էր ածուխը ջարդել։ Նա ակներև գրգռված էր․ այդպես էլ մնաց, մինչև ես պահարանից հանում էի աղավնու կարկանդակի մնացորդը և ուրիշ ուտեստներ։

― Այդ ի՞նչ ես անում, ա՛յ Դեյզի։ Այդ հո իսկական արքայական ընթրիք է, ― արագ ասաց Ստիրֆորթը, կարծես թե սթափվելով, և սեղանի մոտ նստեց։ ― Պատրաստ եմ ախորժակով ուտել, որովհետև նոր եմ գալիս Յարմաութից։

― Իրա՞վ, իսկ ես կարծում էի՝ Օքսվորդից։

― Ոչ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Ես զբաղված էի նավավարությամբ, որ Օքսվորդի դասերից լավ է։

― Լիտտիմերն այսօր էլ այստեղ էր և քեզ էր հարցնում, նրա խոսքերից հետևեցի, թե դու Օքսվորդից պիտի գայիր, թեև, որքան հիշում եմ, նա ոչ մի որոշ բան չասաց։

― Եթե Լիտտիմերն ինձ գտնելու համար այստեղ էր եկել, ուրեմն նա իր կարծածից ավելի հիմար է, ― ասաց Ստիրֆորթը, բաժակն ուրախ լցնելով ու կենացս խմելով։ ― Սակայան, Դեյզի, որ՞ սատանան նրա մտքերը կհասկանա։

― Իրավ որ, ― ասացի ես, աթոռս սեղանին մոտեցնելով։ ― Ուրեմն, Ստիրֆորթ, Յարմաութի՞ց ես գալիս, հա՞, ― հարցրի ես, ― անհամբեր փափագեկով նոր բան լսել այնտեղից։ ― Երկա՞ր մնացիր Յարմաությում։

― Ոչ, ― պատասխանեց նա։ ― Միայն մի շաբաթով էի փախուստ տվել, ոչ ավելի։

― Ինչպե՞ս են մեր բարեկամները։ Փոքրիկ Էմլին դեռ չի՞ պսակվել։

― Դեռ ոչ, բայց այդ բանը կարծեմ մի քանի շաբաթից․․․ կամ ամիսներից հետո կլինի, հաստատ չգիտեմ։ Ես սակավ էի տեսնում նրանց։ Ի դեպ, մի նամակ եմ բերել քեզ համար։

Այս ասելուն պես նա վայր դրեց դանակն ու պատառաքաղը, որ եռանդով բանեցնում էր, և սկսեց գրպանը խուզարկել։

― Ումի՞ց, ― հարցրի ես։

― Իհարկե պառավ դայակիցդ, ― ասաց նա, ծոցի գրպանից զանազան թղթեր հանելով։ ― «Ջեյմս Ստիրֆորթ, Էսքուայր, պարտք է «Զվարթարար հյուրանոցին»․․․ չէ, սա չէ։ Համբերություն, իսկույն կգտնեմ։ Այն ծերուկը․․․ ինչպե՞ս էր նրա անունը․․․ արդեն ծանր հիվանդ է, և կարծեմ այդ մասին են գրում քեզ։

― Ուզում ես ասել Բարկի՞սը։

― Այո, ― ասաց Ստիրֆորթը, շարունակելով գրպանները քրքրել ու թղթերն աչքի անցկացնել։ ― Կարծեմ խեղճ Բարկիսի բանն արդեն պրծած է։ Տեսա նրա մոտ մի ինչ֊որ դեղագործ կամ վիրաբույժ․․․ որ պատիվ է ունեցել ձերդ վսեմության աշխարհ գալուն նպաստելու․․․ Գիտնական մարդ թվաց ինձ, սակայն նրա կարծիքի էությունն այն է, թե կառապանը շուտով վերջին անգամ ճանապարհ կընկնի․․․ Խնդրեմ նայես վերարկուիս գրպանի մեջ, անշուշտ այնտեղ կլինի։

― Ահա գտա, ― ասացի ես։

― Հենց այդ է։

Նամակը Պեգգոտիից էր, սովորականից դժվար ընթեռնելի և շատ կարճ։ Նա ինձ հաղորդում էր, որ ամուսինը անհույս վիճակի մեջ է, և ակնարկում, թե հիվանդը «փոքր֊ինչ ավելի ժլատ է դարձել, ուստի և այժմ ավելի դժվար է հանգստացնել նրան, քան թե առաջ։ Դայակս իր անքուն գիշերների, իր ցավերի, վշտերի մասին ոչինչ չէր գրում, այլ գովում էր միայն հիվանդ ամուսնուն։ Նամակի ամեն մի խոսքը սրտառուչ էր, պարզ ու բնական, և նա վերջանում էր այս բառելով․ «Խոնարհ հարգանք իմ սիրելի որդյակին», այսինքն՝ ինձ։

Մինչ գրությունը կարդում էի, Ստիրֆորթը շարունակում էր ուտել ու խմել։

― Լավ լուր չէ, ― ասաց նա, երբ ընթերցումը վերջացրի, ― սակայն ի՞նչ արած։ Արեգակն ամեն երեկո մայր է մտնում, մարդիկ ամեն րոպե մեռնում են, և մեզ պետք չէ վախենալ այդ ընդհանուր վիճակից։ Եթե մեր ոտքը ասպանդակ դնելուց հրաժարվենք միայն նրա համար, որ մահն ամեն րոպե մեկի և կամ մյուսի դուռը բախում է, ամեն բան այս աշխարհում կկորցնենք և ամեն բան փախուստ կտա մեր ձեռքից։ Սակայն առաջ, միշտ առա՜ջ ― մերթ սրարշավ, մերթ հանդարտ, բայց միշտ առաջ, տապալելով ամեն տեսակ խութ ու խոչ, և հաղթանակ կտանենք։

― Ո՞ր հաղթանակը, ― հարցրի ես։

― Այն հաղթանակը, որին ձգտում ենք, ― ասաց Ստիրֆորթը։ ― Օ՜ն անդր առաջ։

Նա կանգ առավ, բաժակը լցրեց և իր սիրուն գլուխը ետ տանելով վրաս նայեց։ Նրա՝ ծովի օդից փոքր֊ինչ կարմրած թարմ դեմքի վրա առաջին անգամ նոր֊նոր հետքեր նշմարեցի․ պարզ էր, որ նա իրեն հատուկ բուռն եռանդով, անզուսպ կրքով որևէ խիզախ գործի է անձնատուր եղել։ Չէ՞ որ նա սովոր էր անվեհեր վստահությամբ դիմավորել վտանգներին ― ալիքների հետ մաքառել, փոթորկի դեմ կռվել․․․ Մինչ ուզում էի զգուշացնել նրան այս բաներից, մեր խոսակցության բուն նյութը միտքս ընկավ, և ասացի․

― Լսիր, Ստիրֆորթ, եթե միայն վեր սլացող ոգիդ հոժարի իջնել ինձ լսելու․․․

― Վեր սլացող ոգիս զորեղ ոգի է ու միշտ պատրաստ ամեն բան անել քեզ համար, ― ասաց նա, նորից նստելով կրակի առջև։

― Ուրեմն գիտե՞ս, Ստիրֆորթ, թե ինչ կասեմ։ Ես կցանկանայի գնալ տեսնել դայակիս։ Գնալովս հարկավ ես նրան որևէ բարիք և կամ օգուտ չեմ անի, բայց նա ինձ այնքան է սիրում, որ այցելությունս անշուշտ նրան կսփոփի։ Եվ ինձ համար դժվար չէ սփոփանք հասցնել այդ բարեսիրտ պառավին, որ միշտ ինձ նվիրված էր։ Եթե դու իմ տեղը լինեիր, չէի՞ր ուզենա մի օր մնալ նրա մոտ։

Ստիրֆորթը մտախոհ էր․ նա փոքր֊ինչ մտածեց և ապա պատասխանեց մեղմ ձայնով․

― Գնա։ Վնաս չունի։

― Դու նոր ես գալիս այնտեղից, ― ասացի ես, ― և զուր կլիներ խնդրել, որ ուղեկցես ինձ։

― Այո, հարկավ, ― պատասխանեց նա։ ― Այս գիշեր ես Հայգեթ եմ գնում։ Վաղուց մորս չեմ տեսել, և խիղճս հանգիստ չէ․ չէ՞ որ մի բան արժի այնքան ջերմ սիրելը, ինչքան որ նա է սիրում անառակ որդուն։ Ա՜հ, հիմար բաներ։ Դու կարծեմ վաղը կերթաս, ― ասաց նա, ձեռքն ուսիս դնելով։

― Կարծեմ վաղը։

― Ուրեմն սպասիր՝ գոնե մինչև մյուս օրը։ Ես մտադիր էի մի քանի օրով մեր տուն հրավիրել քեզ։ Գալուս նպատակն էլ հենց այդ էր․ իսկ դու ուզում ես Յարմաութ փախչել։

― Փախչողը դու ես, Ստիրֆորթ, որ վայրենու նման շաբաթներով կորչում ես՝ ո՞վ գիտե ինչ արկածների հետևից ընկած։

Նա մի վայրկյան լուռ ու մունջ նայեց երեսիս և հետո ասաց, վերստին ձեռքն ուսիս դնելով․

― Այո, մի օր մեզ մոտ կմնաս։ Ո՞վ գիտի, մյուս անգամ երբ կտեսնվենք։ Հասկացա՞ր․ վաղը մեզ մոտ, հետո Յարմաութ։ Կամենում եմ, որ դու Ռոզայի և իմ միջև մի պատվար լինես ու մեզ իրարից բաժան պահես։

― Վախենում ես, թե իրար անչափ կսիրե՞ք, եթե ձեր տանը չգտնվեմ։

― Այո, կամ թե անչափ իրար կատենք, ― ասաց Ստիրֆորթը ծիծաղելով։ ― Բոլորը մեկ է։ Բայց դու վաղը մեղ մոտ կգա՞ս։ Անպատճառ։

Խոսք տվի, և Ստիրֆորթը վերարկուն հագավ, մի սիգար վառեց և ուզում էր տուն գնալ։ Այդ նկատելով ես էլ վերարկուս հագա, բայց սիգար չվառեցի (մի անգամ արդեն խրատված էի), և մենք միասին դուրս եկանք։ Ես հասցրի նրան մինչև մեծ ճանապարհը, որ տխուր ու մութն էր այդ ժամին։ Ամբողջ ժամանակ Ստիրֆորթը զվարթ էր, և երբ մենք բաժանվեցինք, նրա առույգ ու թեթև քայլերը, նրա խոսքերը հիշեցրին ինձ, թե «Սրարշավ առաջ, տապալելով ամեն տեսակ խութ ու խոչ, և հաղթանակ կտանենք»։ Այս հիշելիս առաջին անգամ մաղթեցի, որ նրա փափագած հաղթանակը արդեն ազնիվ մարդու արժանավոր բան լինի։

Տուն գալուն պես սկսեցի հանվել, և իմ գրպանից մր․ Միկաբրի նամակն ընկավ և լավ արեց որ ընկավ, որովհետև արդեն մոռացել էի այն։ Կնիքը կոտրեցի ու կարդացի։ Նամակը մեր ճաշից իսկ ու իսկ ժամ ու կես առաջ էր գրվել։ Չեմ մտաբերում՝ արդյոք ասե՞լ եմ, որ մր․ Միկաբրը մի անհույս տագնապի մեջ ընկնելուն պես սովոր էր իրավաբանական լեզու բանեցնել, երևի իր գործերն ավելի լավ շտկելու համար։ Ահա գրությունը․

«Սըր․․․ վասն զի չեմ հանդգնում ասել՝ սիրելիդ իմ Կոպպերֆիլդ։ Անհրաժեշտ է ձեզ այդ հաշիվն առնել, թե ստորագրյալ անձը խորտակված ու ջարդված է։ Թերևս այսօր նրա մեջ մի փոքր ջանք նկատեք՝ այդ ողբալի եղելության տարաժամ հայտնությունը ծածկելու, բայց և այնպես հորիզոնի վրա հուսո նշույլ չի մնացել, և ստորադրյալը խորտակված է։

Այս զեկուցումը գրված է ի ներկայության մի անհատի (և ոչ թե հասարակության), մի վաշխառուի մոտ ծառայող գրեթե հարբած անհատի։ Այս անհատն եկել է, օրինական ճանապարհով, բնակարանիս բոլոր կահկարասիքը գրավելու և տանելու ի հատուցումն տան վարձագնի, որը տակավին չի վճարված։ Նրա ցանկի մեջ մտցված են ոչ միայն ստորադրյալի, այսինքն՝ տարով վարձողի ամեն շարժուն իրերն ու գույքը, հապա և սրա մոտ բնակվող ու Տեմպլի ատյանում ծառայող մեծարգո մր․ Թոմաս պաշտոնյայի բոլոր կարասիքն ու կայքը։

Եթե ստորագրյալի շրթունքին մատուցած դառնության բաժակը լիապարար անելու համար (ինչպես ասում է մի անմահ բանաստեղծ) դեռ մի կաթիլ պակաս էր, ― այդ կաթիլն էլ ահա պատրաստ է այն չարագետ փաստի մեջ, որ վերոհիշյալ մր․ Թոմաս Տրեդլսի ձեռքով ստորագրվելու համար երաշխավորված 23 ստեռլինգ, 4 շիլինգ և 9 ու կես պեսնս գումարի մուրհակը վճարելու ժամն արդեն հատել է, բայց վճարումը դեռ ապահովված չի։ Բաժակի դառնությունը սաստկանալու է ստորագրյալի համար նաև մի նոր անպարտ զոհի գալստյամբ, որի անդեպ ժամանակը տեղի կունենա, ըստ օրինաց բնության, կլոր թվով վեց լուսնական ամիսներից հետո, եթե այսօրվանից հաշվելու լինենք։

Այս բոլորը հայտնելուց հետո ավելորդ է, հարկավ, ասել, թե, այսուհետև, հավիտյան մոխիր ու փոշի կցանվի թշվառ և բազմաչարչար գլխի վրա

Ուիլկինս Միկաբրի»։

Խեղճ Տրեդլս։ Արդեն մոտիկ ճանաչելով մր․ Միկաբրին, ես լավ գիտեի, որ նա այսպես կամ այնպես կբժշկվի իրեն հասած հարվածից։ Բայց դու ի՞նչ կանես խեղճ Տրեդլս։ Ամբողջ գիշեր մտածում էի նրա մասին, ինչպես և Դևոնշիրցի քահանայի դստեր մասին, որը տասը քույրերից մեկն էր։ Ափսոս քեզ, բարի աղջիկ, որ Տրեդլսի ասելով (օ՜հ, չար գուշակություն), պատրաստ էր վաթսուն տարի սպասել նրան, մինչև անգամ ավելի, եթե հարկ լիներ։


Թ․ գլուխ

Դարձյալ այցելում եմ Ստիրֆորթին՝ իր տանը


Առավոտյան մր․ Սպընլոյին հայտնեցի, թե ինձ պետք է մի կարճ ժամանակով Լոնդոնից հեռանալ, և խնդիրս իսկույն կատարվեց, որովհետև ես անռոճիկ պաշտոնյա էի, ուրեմն դաժան մր․ Ջորկինսից վախենալն ավելորդ էր։ Այս առթիվ համարձակություն առա մր․ Սպընլոյին հարցնելու և շունչս բռնած ակնկոր հարցրի, թե միս Դորայի առողջությունն ինչպե՞ս է։ Նա շնորհակալ եղավ և ասաց, թե շատ առողջ է, առանց բնավ հուզվելու և այնպիսի սառն եղանակով, որ ասես թե մի հասարակ մահկանացուի մասին խոսելիս լիներ։

Մենք՝ ընդունված դպիրներս, իբրև պրոկտրության թեկնածու ազնվական դասակարգ, մի արտոնյալ դիրք ունեինք Դոկտորների Համայնքում, և ես ազատ էի համարյա թե իմ ուզածի պես գործ դնելու ժամանակս։ Այս անգամ Հայգեթ շտապելու հարկ չկար․ ցերեկվա ժամը մեկին կհասնեի թե երկուսին, միևնույն էր և որովհետև այդ օրը ատյանում մի հետաքրքիր գործ պիտի քննվեր, ուր Տիպկինս անունով մեկը բողոք էր տվել Բիլոկ անունով մի մարդու դեմ, պահանջելով որ սա «մի հոգեշահ պատիժ» ստանա․ ես այնտեղ մի երկու դուրեկան ժամ անցկացրի Սպընլոյի հետ։ Գործը ծագել էր երկու ժամկոչների կռվից․ մեկը գանգատվել էր, թե մյուսը ջրհանի դեմ է հրել նրան, և որովհետև ջրհանի կոթը մի դպրոցի շինության մեջ էր ամրացված, իսկ դպրոցը մի եկեղեցու գավթի մեջ էր գտնվում, այս պատճառով երկուսի վեճից մի եկեղեցական դատ էր ծագել։ Զվարճալի բան էր այդ դատը, և ես դիլիժանս նստած Հայգեթ գնալիս, շարունակ Դոկտորների Համայնքի մասին էի մտածում և մր․ Սպընլոյի խոսքերը մտաբերում, թե «Դիպեք միայն Համայնքին, և Անգլիան կորա՜ծ է»։

Մրս․ Ստիրֆորթը գոհ մնաց ինձ տեսնելով, գոհ էր նաև Ռոզա Դարտլը։ Ես մի հաճելի զարմանք զգացի իմանլով, որ Լիտտիմերն այնտեղ չի․ նրա փոխարեն մեզ ծառայում էր կապույտ ժապավեններով գլխանոց հագած մի համեստ սպասուհի, որի աչքին երբեմն նայելը շատ ավելի դուրեկան էր, քան թե ակնածելի Լիտտիմերի շփոթեցնող հայացքին հանդիպելը։ Սակայն այդ տունը ոտք դնելուցս դեռ կես ժամ չանցած՝ ամենից առաջ նկատեցի այն հանգամանքը, որ միս Դարտլը համառությամբ դիտում է ինձ և մեկ իմ դեմքն է ուշի֊ուշով համեմատում Ստիրֆորթի երեսի հետ, մեկ նրանը՝ իմինի հետ, կարծես սպասելով, թե մեր միջև մի որևէ բան կծագի։ Հենց որ ես էլ ակամա նրա կողմն էի նայում, նրա լրտեսող նիհար դեմքն ու բոցավառ սև աչքերն էի տեսնում, աչքերը, որոնք անքթիթ նայում էին ինձ և կամ նույն վայրկյանին Ստիրֆորթի վրա սևեռվում, և կամ թե երկուսիս էլ միաժամանակ մեկ ակնարկով ըմբռնում։ Եվ նա ոչ թե չէր շփոթվում, երբ տեսնում էր, որ իրոք զննող սուր հայացքը ինձնից թաքուն չի մնացել, այլ ավելի խորաթափանց հայացք էր նետում իմ վրա։ Որչափ էլ սիրտս մաքուր լիներ, որչափ էլ ազատ՝ միս Դարտլին որևէ կասկածի տեղիք տալու միտումից, բայց դարձյալ քաշվում էի նրա տարօրինակ աչքերից։

Այդ օրը նա ամբողջ տան մեջ մի անտեսանելի էակի պես ներկա էր։ Թե՛ Ստիրֆորթի հետ իր սենյակում միասին նստած խոսակցեցինք, անպատճառ կողքի սենյակից միս Դարտլի շրշյունը կլսվեր․ թե՛ մենք զբոսնելու համար տան հետևի փոքրիկ մարգագետինն իջնեինք, իսկույն միս Դարտլը սկսում էր կրակի պես մեկ պատուհանից դեպի մյուսը ոստոտել, լավ դիտել մեզ։ Երբ մենք ճաշից հետո չորսս միասին ման գալու ելանք, նա իմ թևը իր վտիտ ձեռքով զսպանակի պես ամուր բռնեց, ինձ հետ քաշեց և սպասելով, որ Ստիրֆորթն ու իր մայրը մեզնից բավական առաջ անցնեին, սկսեց խոսել։

― Վաղուց այստեղ չեք եղել, ― ասաց նա։ ― Մի՞թե ձեր պաշտոնն այնքան գրավիչ ու հրապուրիչ է, որ մարդուս բոլոր ուշքն ու միտքը հափշտակի։ Հարցնում եմ, որովհետև սիրում եմ իմանալ, ինչ որ չգիտեմ։ Մի՞թե իրոք այդպես է։

Պատասխանեցի, թե պաշտոնս իրոք սիրում եմ, բայց այնքան էլ նրան նվիրված չեմ։

― Իրա՞վ։ Ուրախ եմ լսել այդ, որովհետև, գիտեք, շատ եմ սիրում, որ ինձ ուղղեն, երբ սխալվում եմ, ― ասաց Ռոզան։ ― Ձեր պաշտոնը գուցե փոքր֊ինչ ձանձրալի՞ է։

― Այո, գուցե առաջ այդպես էր, ― ասացի ես։

― Ա՜, ուրեմն ա՞յդ է պատճառը, որ կարոտ եք հանգստության, փոփոխության․․․ զգացումների և այլն, ― ասաց նա։ ― Եվ շատ բնական է։ Սակայն արդյոք այդ բոլորը նրա համար փոքր֊ինչ․․․ հը․․․ ուզում եմ ասել՝ նրա համար, և ոչ թե ձեզ։

Միս Դարտլի թռուցիկ հայացքը դեպի այն կողմը, ուր Ստիրֆորթը իր մոր հետ թևանցուկ զբոսնում էր, պարզեց ինձ, թե ո՞ւմն է ակնարկում․ այնուամենայնիվ, ես ոչ մի բան չհասկացա։ Նա վարանած նկատեց․

― Չեմ պնդում․․․ բնավ ոչ, այլ միայն ուզում եմ իմանալ, թե այդ բոլորը չափազանց չէ՞ նրա համար։ Արդյո՞ք այդ չէ պատճառը, որ նա վերջերս փոքր֊ինչ անհոգ է իրեն կուրորեն սիրող մորն այցելելու․․․ Հը՞։

Եվ նա դարձյալ արագ այն կողմը նայեց և նույն վայրկյանին մի այնպիսի ակնարկ նետեց, որ կարծես ուզում էր սրտիս խորքը թափանցել։

― Միս Դարտլ, ― ասացի ես, ― խնդրեմ չկասկածեք․․․

― Ամենևին, ― վրա բերեց նա։ ― Աղաչում եմ, չենթադրեք, թե ես որևէ կասկած ունեմ։ Ես սովոր չեմ կասկածել։ Այլ հարցնում եմ միայն, ուրիշ ոչինչ։ Ես ոչ մի հաստատ կարծիք չունեմ, և միայն փափագում եմ, ձեր ասածի վրա հիմնվելով, մի որոշ գաղափար կազմել։ Ուրեմն այդպես չէ՞։ Շատ ուրախ եմ։

― Իհարկե չէ, ― պատասխանեցի ես փոքր֊ինչ շփոթված։ ― Ես մեղավոր չեմ և չգիտեի, որ Ստիրֆորթը վերջերս ավելի հաճախ է բացակա լինում մոր տանից, քան թե առաջ, և այս բանը ես նոր եմ լսում ձեզնից։ Ես ինքս վաղուց չէի տեսել նրան, և միայն երեկ երեկո էր որ տեսա։

― Մի՞թե։

― Այո, միս Դարտլ։

Եվ մինչ միս Դարտլը շեշտակի նայում էր աչքերիս, հանկարծ նրա երեսի գույնը թռավ և հին վերքի սպին վերևի շուրթից մինչև կզակը կարմրեց։ Նրա դեմքն իրավ սոսկալի էր, երբ նա աչքերը վրաս հառելով հարցրեց․

― Ուրեմն որտե՞ղ էր, ի՞նչ էր անում։

Ես այնքան շփոթվեցի, որ ակամա միևնույն խոսքերն ինքս ինձ կրկնեցի։

― Ի՞նչ էր անում, ― ասաց նա ամենաբուռն եռանդով, որ կրակի պես լափում էր նրան։ ― Ի՞նչ բանի մեջ է օգնում նրան այս մարդը, որ մինչև անգամ չի կարող աննենգ աչքով ուղիղ նայել երեսիս։ Եթե դուք հավատարիմ ու ազնիվ եք, ես չեմ խնդրի, որ ձեր ընկերոջը դավաճանեք․ այլ միայն կցանկանամ իմանալ, թե նրան դրդողն ի՞նչ բան է արդյոք․ զայրո՞ւյթ, ատելությո՞ւն, գոռոզությո՞ւն, կամ թե սե՞ր, թե մի ուրի՞շ կիրք։

― Միս Դարտլ, ― ասացի ես, ― ինչպե՞ս հավատացնեմ ձեզ, թե իմ աչքում Ստիրֆորթը միևնույն մարդն է, ինչ որ էր, երբ ես առաջին անգամ այստեղ եկա։ Ես ոչ մի փոփոխություն չեմ նկատում նրա մեջ։ Ոչ մի կասկած չունեմ նրանից։ Լիովին հավատացած եմ, որ կասկածելու բան էլ չկա։ Մինչև անգամ չեմ էլ հասկանում, թե ի՞նչ եք ուզում ակնարկել։

Մինչ նա անքթիթ նայում էր ինձ, ես մի ցնցում կամ մի կծկում նշմարեցի նրա սոսկալի սպիի վրա, որ տանջանքի նշան էր։ Նրա շուրթերի անկյունը բարձրացավ, ասես թե մի արհամարհանք կամ կարեկցություն ցույց տալով դեպի իր ասած առարկան։ Նա սպին իսկույն ձեռքով ծածկեց, այն վտիտ ու քնքուշ ձեռքով, որ ես միշտ համեմատել էի մի թափանցիկ ապակու հետ, երբ նա դեմքը կրակից պաշտպանելու համար իր առջևն էր բռնում դրանք, և ապա ասաց արագ, կրքոտ և ամեհի ձայնով․

― Խոսք եմ տալիս գաղտնիք պահել այդ։

Էլ ոչինչ։

Մրս․ Ստիրֆորթը մի առանձին երջանկություն էր զգում իր որդու ներկայությունից․ Ստիրֆորթն էլ այս անգամ ավելի ուշադրությամբ ու հարգանքով էր վերաբերվում դեպի մայրը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր միասին տեսնել երկուսին՝ ոչ միայն նրանց փոխադարձ գորովանքի, այլև զարմանալի նմանության պատճառով․ տարբերությունը միայն այն էր, որ որդու վստահ հպարտությունը կամ կրքի սաստկությունը մի շնորհալի ծանրախոհություն էր տեղի տվել տիկնեջ մեջ՝ հասակի ու սեռի ազդեցությունից։ Նայելով մորն ու որդուն շատ անգամ երկուսին էլ երանի էի տալիս, որ նրանց միջև ոչ մի գժտություն չի պատահել, որովհետև երկու այդպիսի բնավորություն, կամ լավ է ասել՝ միևնույն բնության այդ երկու եռանդներն իրար հետ հաշտեցնելը ավելի դժվար կլիներ, քան թե աշխարհիս ամենահակառակ ու հակադիր ծայրերը։ Սակայն պիտի խոստովանեմ, որ այս գաղափարն իմ մտքի ծնունդը չէր, այլ միայն Ռոզա Դարտլի խոսակցության հետևանքը։

Ճաշի ժամանակ նա սկսեց այսպես խոսել․

― Օ՜հ, ամբողջ օրն աշխատել եմ իմանալ, և ինչպես կուզենայի, որ ձեզնից մեկն ինձ ասեր․․․

― Ի՞նչ ասեր, հարցրեց մրս․ Ստիրֆորթը։ ― Խնդրեմ, Ռոզա, այդքան ծածկամիտ մի լինի։

― Ծածկամի՞տ, ― գոչեց Ռոզան։ ― Մի՞թե կարծում եք, որ ես իրավ ծածկամիտ եմ։

― Մի՞թե ամեն օր չեմ խնդրում քեզ, որ պարզ խոսես, բնական լինես, ― ասաց մրս․ Ստիրֆորթը։

― Ուրեմն իմ խոսելու եղանակը բնական չէ, հա՞, ― պատասխանեց Ռոզան։ ― Ի՞նչ արած։ Խնդրեմ ներեցեք։ Ես հարցնում եմ, որովհետև ուզում եմ բան իմանալ։ Երբեք մարդն չի կարող ինքն իրեն լավ ճանաչել։

― Այդ ծածկամտությունը քո մեջ երկրորդ բնավորություն է դարձել, ― ասաց մրս․ Ստիրֆորթը առանց որևէ դժգոհության, ― սակայն հիշում եմ․․․ կարծեմ դու էլ, Ռոզա, կհիշես, որ մի ժամանակ այդպես չէիր։ Մի ժամանակ շատ ավելի սրտաբաց էիր, և ոչ այդքան զգուշամիտ։

― Ճշմարիտ է, ― նկատեց միս Ռոզան, ― և շատ ցավալի է, որ վատ սովորությունները գնալով արմատանում են մարդուս մեջ։ Ուրեմն առաջ ես շավ ավելի սրտաբա՞ց էի, և ո՞չ այնքան զգուշամիտ։ Զարմանում եմ, թե ինչո՞ւ եմ աննկատելի կերպով այդպես փոխվել։ Այ տարօրինակ բան։ Կաշխատեմ վերստին նույնը դառնալ, ինչ որ էի մի ժամանակ։

― Սրտանց ուզում եմ, որ աշխատես, ― ասաց մրս․ Ստիրֆորթը ժպտալով։

― Եվ հավատացեք՝ կաշխատեմ, ― պատասխանեց միս Ռոզան։ ― Ես կսկսեմ անկեղծության օրինակ վերցնել․․․ ումի՞ց արդյոք․․․ հենց Ջեյմսից։

Ռոզա Դարտլի ամեն մի խոսքում մի տեսակ հեգնանք կար, թեև նա աշխատում էր միշտ միամիտ ձևանալ․ ուստի և մրս․ Ստիրֆորթը սաստկությամբ վրա բերեց․

― Եվ շատ լավ կանես։ Նրանից ավելի ընտիր օրինակ չես էլ գտնի։

― Լիովին վստահ եմ, ― ասաց միս Դարտլը մի անսովոր եռանդով։ ― Եթե ես ունեմ մի որևէ վստահություն, դուք էլ գիտեք, որ վստահ եմ միայն այդ բանում։

Մրս․ Ստիրֆորթը կարծես թե զղջաց, որ փոքր֊ինչ գրգռվել էր, որովհետև այժմ մեղմիկ ասաց․

― Շատ լավ, սիրելի Ռոզա։ Բայց և այնպես չասացիր մեզ, թե ի՞նչ էիր ուզում իմանալ։

― Թե ինչ էի ուզում իմանալ, ― կրկնեց միս Դարտլը մի գրգռիչ սառնությամբ։ ― Օ՜հ, ես կցանկանայի իմանալ, թե արդյոք ճշմարի՞տ է, որ եթե բարոյական կազմությամբ մեկը մյուսին նման անձինք․․․ կարելի՞ է, այսպես ասել։

― Այդպես թե այնպես՝ բոլորը մեկ է, ― նկատեց Ստիրֆորթը։

― Շնորհակալ եմ․․․ Եթե բարոյական կազմությամբ մեկը մյուսին նման անձինք իրար հետ մի լուրջ պատճառով գժտվեն, արդյոք ճշմարի՞տ է, որ նրանք ավելի դառն, ավելի խոր թշնամությամբ իրարից կբաժանվեն, քան թե մեկը մյուսից տարբեր անձինք։

― Անտարակույս, ― ասաց Ստիրֆորթը։

― Իրա՞վ, ― գոչեց միս Դարտլը։ ― Ասացեք խնդրեմ։ Ուրեմն, եթե ենթադրենք, օրինակի համար․․․ չէ՞որ կարելի է ամեն տեսակ բան ենթադրել․․․ որ դուք ու ձեր մայրը ծանր կռիվ ունենաք․․․

― Սիրելի Ռոզա, ― մեջ մտավ մրս․ Ստիրֆորթը, ի սրտե ծիծաղելով, ― լավ է մի ուրիշ օրինակ բերես։ Ջեյմսն ու ես, փառք աստծու, լա՛վ ենք ճանաչում մեր փոխադարձ պարտականությունները։

― Օ՜, ― ասաց միս Դարտլը, գլուխը լրջորեն շարժելով։ ― Հարկավ։ Այդ արդեն բավական է, որ մի կռիվ չպատահի։ Այժմ տեսնում եմ՝ որքան հիմար եմ, որ մի այդպիսի բան ենթադրեցի։ Փոխադարձ պարտականությունները լավ ճանաչող անձինք հարկավ երբեք չեն գժտվի։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այս բանն իմացա։

Չեմ կարող չհիշատակել միս Դարտլին վերաբերող և մի ուրիշ փոքրիկ դեպք։ Շատ անգամ եմ առիթ ունեցել մտաբերելու այդ վերջերս, երբ անդարձ անցյալի հանգամանքներն արդեն լիովին պարզված էին։ Օրվա մնացած մասը, և հատկապես երեկայան ժամերը, Ստիրֆորթը գործ դրեց իրեն հատուկ ճարտարությամբ զվարճացնելու և դուր գալու այդ տարօրինակ օրիորդին։ Նրա հաջողությունը չզարմացրեց ինձ․ չզարմացա և միս Դարտլի համառության վրա, որով դիմադրում էր նրա հրապուրիչ ազդեցությանը, որովհետև գիտեի, թե որքան ըմբոստ ու մաղձոտ է այդ աղջիկը։ Տեսա, թե ինչպե՞ս են միս Դարտլի ձևերն ու շարժումները փոփոխվում, տեսա, թե ի՜նչ հիացումով է Ստիրֆորթի երեսին նայում, նկատեցի, թե որքա՜ն է ճգնում, թեև քիչ֊քիչ թուլացող, բայց միշտ զայրացկոտ եռանդով՝ դիմադրել նրա անվանելի թովչությանը, որի առջև կարծես իրեն անզոր էր զգում․ վերջ ի վերջո տեսա, թե ինչպես մեղմացավ նրա դառն հայացքը ու ժպիտ փայլեց նրա դեմքին։ Միս Դարտլը արդեն ընկճված ու հաղթված էր, և այլևս ինձ այն սարսափը չէր ազդում, որ ազդել էր ամբողջ օրը։ Մենք վառարանի առջև նստեցինք և սկսեցինք երեխաների պես անբռնազբոս զրուցել ու ծիծաղել։

Չգիտեմ ի՞նչն էր պատճառը ― արդյոք մեր երկար նստե՞լը, թե՞ այն հանգամանքը, որ Ստիրֆորթը չէր ուզում իր հաղթանակը ձեռքից բաց թողնել, միայն թե միս Դարտլի մեկնելուց հետո, մենք էլ հինգ րոպեից ավելի չմնացինք ճաշասենյակում։

― Լսիր, ― ասաց Ստիրֆորթը, կամացուկ մոտենալով դահլիճի դռանը, ― Ռոզան քնար էր ածում։ Կարծեմ երեք տարի կլինի, որ մորիցս զատ, ոչ ոք նրա նվագելը չի լսել։

Ստիրֆորթը այս ասաց մի ինքնափոփ ժպիտով, որ սակայն իսկույն անհետացավ։ Դահլիճ մտանք․ միս Դարտլը մենակ էր։

― Մի վերկենաք, սիրելի Ռոզա, ― ասաց Ստիրֆորթը օրիորդին, որ արդեն վեր էր կացել։ ― Գոնե մի անգամ բարի եղեք և մի իռլանդական երգ երգեցեք։

― Իբր թե շա՞տ եք սիրում իռլանդական երգ լսել, ― պատասխանեց միս Դարտլը։

― Իհարկե, շատ և ավելի քան մի ուրիշ երգ։ Ահա Դեվին էլ երաժշտության սիրահար է։ Երգեցեք մեզ մի իռլանդական երգ, Ռոզա․ ես էլ կնստեմ ու կլսեմ, ինչպես որ անում էի մի ժամանակ։

Ստիրֆորթը չկպավ ո՛չ միս Դարտլին, ո՛չ էլ աթոռին, որից նա նոր էր վեր կացել, այլ գնաց ու նստեց քնարի մոտ։ Օրիորդը մի քանի վայրկյան կանգնած մնաց քնարի կողքին՝ աջ ձեռքի մատները լարերի վրա ետ ու առաջ տանելով, սակայն առանց շարժելու դրանք։ Վերջապես նստեց, մի արագ ցնցումով քնարն իր մոտ քաշեց, լարերին խփեց ու սկսեց երգել։

Արդյոք նվագելու եղանակի՞ց էր, թե՞ ձայնից, չգիտեմ, բայց ինձ թվում էր, թե դրա նման մի գերբնական երգ ես օրումս չեմ լսել։ Մի սոսկալի բան կար նրա անկեղծ արտահայտության մեջ։ Կարծես երգը ո՛չ գրված էր, ո՛չ էլ բնավ ձայնագրված, այլ անմիջապես դուրս էր թռչում երգչուհու սիրտն ալեկոծող կրքերից, որոնք նրա ձայնի մեջ արձագանք գտնելուց հետո՝ ձայնի լռելուն պես իրենք էլ իսկույն թաքնվում էին։ Ես անբարբառ կանգնած էի, երբ միս Դարտլը նորից քնարին հենվեց և առանց լարերը հնչեցնելու՝ միայն շոշափում էր այն իր աջ ձեռքի մատներով։

Ինձ հիացումից սթափեցրեց Ստիրֆորթը, որը իր տեղից վեր թռավ և միս Դարտլին մոտենալով, նրա մեջքը գրկեց ու ժպտալով ասաց․

― Է՜հ, Ռոզա, այսուհետև մենք շատ կսիրենք մեկմեկու։

Նույն վայրկյանին օրիորդը նրան խփեց և վայրենի կատվի կատաղությամբ ետ հրելով, դուրս փախավ սենյակից։

― Ի՞նչ է պատահել Ռոզային, ― հարցրեց ներս մտնող մրս․ Ստիրֆորթը։

― Մի րոպե առաջ նա հրեշտակի պես բարի էր, մայրիկ, ― ասաց Ստիրֆորթը, ― բայց հետո հանկարծ հակառակ ծայրահեղության մեջ ընկավ։

― Ջեյմս, պետք էր նրան գրգռելուց զգուշանալ։ Գիտես որ նրա բնավորությունը դառնացած է, և համենայն դեպս, պետք չէ նրան զայրացնել։

Ռոզան ետ չեկավ, և նրա մասին այլևս խոսք չեղավ մինչ այն րոպեն, երբ ես Ստիրֆորթի սենյակը մտա՝ բարի գիշեր ասելու։ Այն ժամանակ Ստիրֆորթը սկսեց օրիորդի վրա ծիծաղել և հարցնել ինձ, թե երբևէ տեսա՞ծ եմ մի այդպիսի անըմբռնելի, ամեհի արարած։

Որքան կարող էի զարմանքս հայտնել, հայտնեցի, և հարցրի, թե ինչո՞ւ Ռոզան հանկարծ այդպես չարացավ։

― Աստված գիտի, թե ինչու, ― ասաց Ստիրֆորթը։ ― Գուցե մի որևէ պատճառ ուներ, գուցե և չուներ։ Մի անգամ քեզ ասել եմ, թե նա սիրում է ամեն բան, և նույնիսկ իր անձը հեսանով սրել։ Եվ այսպես սրվելով նա մի սրածայր դանակ է դարձել, որի հետ պետք է զգուշությամբ վարվել։ Բարի գիշեր։

― Բարի գիշեր, սիրելի Ստիրֆորթ, ― ասացի ես։ ― Առավոտյան զարթնելուցդ առաջ կմեկնեմ, բարի գիշեր։

Նա չէր ուզում թողնել ինձ և կանգնել էր իմ դիմաց՝ ձեռքերն ուսիս դրած, ինչպես որ արել էր իմ սենյակում։

― Դեյզի, ― ասաց նա ժպտալով, ― թեև իսկական անունդ Դեյզի չէ, բայց սիրում եմ քեզ այդպես կոչել․․․ և կցանկանայի, այո, շատ և շատ կցանկանայի, որ դու էլ կարողանայիր ինձ Դեյզի անվանել։

― Եթե ուզենամ կանվանեմ, ո՞վ կարող է ինձ արգելել։

― Դեյզի, եթե որևէ պատճառով մենք իրարից բաժանվենք, հիշիր ինձ այնպես, ինչպես որ էի կյանքիս երջանիկ օրերում։ Խոսք տուր ինձ՝ այդպես անել, սիրելի ընկեր։ Ներող մտքով հիշիր ինձ, եթե հանգամանքները մեզ իրարից բաժանեն։

― Ներող մտքո՞վ, ― ասացի ես։ Ես միշտ սիրել ու հարգել եմ քեզ, Ստիրֆորթ, և ոչ մի արատ չեմ տեսել վրադ, որ ներողամտությանս կարոտ լիներ։

Եվ այնպես զղջացի, որ նրա մասին նույնիսկ թեթև կասկածներ էի ունեցել, որ իսկույն պատրաստ էի մեղա գալ, և մինչ վարանում էի, թե ինչպե՞ս ասեմ, որ այս նյութը շոշափելով Ագնեսի առջև դավաճան չլինեմ, Ստիրֆորթն ասաց․

― Տերը քեզ հետ, Դեյզի, և բարի գիշեր։

Վարանումս փրկեց ինձ․ ես նրա աջը սեղմեցի ու հեռացա։

Վերկացա արշալույսին և շորերս շուտ֊շուտ հագնելով, ընկերոջս սենյակի դուռը բաց արի, որ ներս նայեմ։ Նա խոր քնով քնած էր՝ գլուխը թևին դեմ տված, ինչպես շատ անգամ տեսել էի նրան մր․ Կրիկլի վարժարանում։

Ժամանակը հասավ, և շատ շուտ հասավ, երբ զարմանալով հարցնում էի ինձ, թե ինչպես ոչ մի բան նրա հանգիստը չվրդովեց, մինչ նայում էի նրա երեսին։ Բայց նա անխռով քնած էր․․․ ինչպես քնում էր դպրոցում․․․ և ես նրան այդ դրության մեջ թողի առավոտյան այդ խաղաղ ժամին․․․ Որպեսզի երբեք, օ՜հ, թող աստված ների քեզ, Ստիրֆորթ․․․ այլևս երբեք մտերմությամբ ու սիրով քո ձեռքը չշոշափեմ։ Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք։


Ժ․ գլուխ

Մի կորուսատ


Երեկոյան դեմ հասա Յարմաութ և պանդոկ իջա։ Գիտեի, որ Պեգգոտիի առանձին սենյակը՝ իմ սենյակը, շուտով հարկավոր կլինի, եթե այն մեծ Այցելուն, որի առջև ամեն շնչավոր պարտավոր է տեղի տալ, արդեն այն տունը չի մտել։ Այսպես, ուրեմն, պանդոկ իջնելով, ընթրեցի ու պատվիրեցի, որ ինձ մի առանձին սենյակ տան։

Ժամը տասին դուրս ելա։ Խանութներից շատերը փակված էին, և քաղաքը անժպիտ էր։ Օմրի ու Ջորեմի կրպակի փեղկերը փակ էին, բայց դուռը դեռ բաց էր։ Տեսնելով, որ մր․ Օմրը կրպակի խորքում նստած ծխում է, ներս մտա ու հարցրի, թե նրա առողջությունն ինչպե՞ս է։

― Տե՜ր ողորմյա, այս դո՞ւք եք, սըր, ― ասաց մր․ Օմրը։ ― Իսկ դուք ինչպե՞ս եք։ Խնդրեմ նստեցեք։ Արդյոք ծուխը ձեզ չի՞ նեղի։

― Ամենևին։ Դա ինձ դուր է գալիս․․․ երբ ծխողը ուրիշն է։

― Եվ ոչ թե ինքներդ, հա՞, ― ասաց մր․ Օմրը ծիծաղելով։ ― Եվ շատ լավ է, որ այդպես է։ Ծխելը երիտասարդին վնաս է։ Խնդրեմ համեցեք, նստեցեք։ Ես ծխում եմ միայն հազիս առաջն առնելու համար։

Մր․ Օմրը տեղ տվեց ինձ և մի աթոռ առաջարկեց։ Այնուհետև, նորից նստեց, և ծուխն ագահությամբ ներս քաշեց, ասես թե դրա մեջ մի այնպիսի նյութ գտնելով, որից կախված էր իր կյանքը։

― Ցավում եմ, որ մր․ Բարկիսի մասին վատ լուր եմ լսել, ― ասացի ես։

Մր․ Օմրն անշփոթ հանգստությամբ վրաս նայեց ու գլուխը շարժեց։

― Արդյոք չգիտե՞ք, մր․ Օմր, թե ինչպե՞ս է նա այս երեկո։

― Ես ինքս էլ այդ էի ուզում հարցնել ձեզ, սըր, ― պատասխանեց մր․ Օմրը, ― բայց քաշվեցի։ Մեր արհեստի չարիքներից մեկն էլ այս է։ Երբ որ մեկը հիվանդ է, մենք չենք կարող հարցնել նրա մասին։

Այս հանգամանքը ես չէի նախատեսել։ ― Ներս մտնելիս վախենում էի, թե նորից մուրճի հին երգը կլսեմ։ Մր․ Օմրի զգուշությունը դուր եկավ ինձ, և ես ասացի, թե նրա ասածը ճիշտ է։

― Այո՛, այո՛, դուք ինձ լավ եք հասկանում, ― նկատեց մր․ Օմրը։ ― Մենք չենք կարող հարցնել։ Հավատացեք, հիվանդներից շատերի համար մի մահացու հարված կլիներ, եթե մեկը նրանց ասեր․ «Օմրն ու Ջորեմը բարևում են ձեզ ու հարցնում, թե ինչպե՞ս եք այս առավոտ․․․ կամ այս երեկո․․․»՝ ժամանակին նայելով։

Մր․ Օմրն ու ես իրար գլխով նշան արինք, և այնուհետև նա իր չիբուխը նորից քաշեց։

― Մեր արհեստի վատ կողմն այս է, որ դրա պատճառով արգելվում ենք ուշադրություն ցույց տալ մեկին, որքան էլ ուզենանք, ― շարունակեց մր․ Օմրը։ ― Օրինակի համար․ մի տարի չէ, քառասուն տարի է, որ ճանաչում եմ Բարկիսին, և այդ ժամանակ շաբաթ չի անցել, որ նրա անց կենալը չտեսնեմ, բայց, այնուամենայնիվ, ես չեմ կարող գնալ ու հարցնել, թե նա ինչպես է։

Զգում էի, որ դա իրավ դժվար բան է մր․ Օմրի համար․ այսպես էլ իրեն ասացի։

― Կարծեմ ես մյուսներից շահասեր չեմ, ― ասաց մր․ Օմրը։ ― Ահա տեսեք, ամեն րոպե շունչս բռնվում է, և մի մարդ շահասեր լինի, երբ այդ մարդը մի պատռված տիկի դրության մեջ է։ Հարցնում եմ, մի՞թե հավանական բան է, որ մի մարդ շահասեր լինի, երբ այդ մարդը մի պատռված տիկի պես իր շունչն այսօր կամ վաղը պիտի փչի, մանավանդ եթե նա ինձ նման մի ծեր պապիկ է։

― Ամենևին, ― ասացի ես։

― Բայց և այնպես չկարծեք, թե իմ արհեստից գանգատավոր եմ, ― շարունակեց մր․ Օմրը։ ― Բնավ ոչ։ Ամեն վիճակ լավ կողմ էլ ունի, վատ կողմ էլ․ այս հայտնի է։ Կցանկանայի միայն, որ մարդիկ այնպես դաստիարակվեն, որ այդքան թուլասիրտ չլինեն։

Մր․ Օմրը շատ ուրախ ու գոհ դեմքով մի քանի վայրկյան ծուխ ներս քաշեց և ապա ասաց, դարձյալ գալով առաջվա կետին։

― Ուրեմն, սըր, Բարկիսի որպիսությունն իմանալու համար մեզ կմնար Էմլիին դիմել։ Նա լավ գիտի մեր իսկական դիտավորությունը․ նա հավատացած է, որ այս բանում մենք գառների պես միամիտ ու անմեղ ենք։ Աշխատանքից հետո սովորաբար տուն է գնում հորաքրոջը օգնելու։ Դեռ կես ժամ չկա, որ Միննին ու Ջորեմն էլ տուն գնացին՝ իմանալու, թե հիվանդն ինչպե՞ս է, և թե կամենաք մի քիչ սպասել, նրանք ամեն բան կպատմեն ձեզ։ Չէի՞ք կամենա որևէ բան անուշ անել։ Օրինակի համար՝ մի բաժակ շըրբ։[45] Ես ինքս սովոր եմ շըրբ ընդունել ծխելիս, ― ասաց մր․ Օմրը, իր բաժակը վերցնելով, ― որովհետև սա, ասում են, շնչիս անցքերը մաքրում է։ Սակայն, օրհնյալ է աստված, անցքերն ամենևին մեղավոր չեն, ― հարեց մր․ Օմրը հազալով։ ― Ես միշտ ասել եմ իմ աղջկան՝ Միննին․ «Դու ինձ միայն շունչ տուր, աղջիկ, իսկ անցքերը ես ինքս կգտնեմ»։

Եվ իրավ, ծերուկի շունչը համարյա թե կտրվել էր, երբ սկսեց ծիծաղել։ Ես հրաժարվեցի նրա առաջարկած զավացուցիչ դեղից, որովհետև նոր էի ճաշել, և ցանկություն հայտնելով սպասել նրա դստեր ու փեսայի վերադարձին, հարցրի, թե ինչպե՞ս են փոքրիկ Էմլիի գործերը։

― Վատ չեն, սըր, ― ասաց մր․ Օմրը, չիբուխը բերանից հանելով ու կզակը շփելով, ― բայց անկեղծ կասեմ, որ լավ կլիներ, եթե նա շուտով մարդու գնար։

― Եվ ինչո՞ւ եք այդպես կարծում։

― Որովհետև նա դեռ մի անորոշ դրության մեջ է, ― ասաց մր․ Օմրը։ ― Չեմ ասում, թե առաջվա պես սիրուն չէ․․․ Ընդհակառակը՝ այժմ ավելի գեղեցկացել է, շատ ավելի։ Գործի մեջ էլ հաջողակ է, ինչպես միշտ։ Առաջ վեց մարդու գործ էր անում, այժմ էլ վեցի գործ կանի։ Բայց էլ առաջվա եռանդը չունի։ Հասկանո՞ւմ եք, ― ասաց մր․ Օմրը, վերստին կզակը շփելով ու փոքր֊ինչ ծխելով, ― թե միտքս ինչ է, երբ ասում եմ բանվորներիս․ «Էլի մի անգամ թի քաշեցեք, սիրելիներս․ լավ զոռ տվեք, և միասին հուռռա»։ Ահա այս է, ինչ֊որ պակասում է Էմլիին, հասկացա՞ք։

Մր․ Օմրի շարժումներն այն աստիճան ազդու էին, որ առանց խճահարության, նշան արի, թե իր միտքը հասկանում եմ։ Արագամտությունս կարծես դուր եկավ, և նա շարունկեց․

― Իմ կարծիքով պատճառը նրա դրությունն է։ Լավ կլիներ՝ շուտով պսակվեին․ բանն իսկույն կվերջանար։ Դրա մասին շատ եմ խոսել թե՛ նրա ապոր հետ, թե՛ նշանածի հետ, և կարծում եմ, թե գլխավոր պատճառը հենց այդ անորոշ դրությունն է։ Ինչքան շուտ պսակվեն, այնքան լավ։ Ինքներդ գիտեք, մր․ Կոպպերֆիլդ, թե այդ Էմլին որքան սիրելի աղջիկ է։ Առածն ասում է, թե «խոզի ականջից մետաքսե քսակ չի շինվի»․ իսկ ես կարծում եմ՝ կշինվի, եթե միայն փոքր֊ինչ առաջ գործը սկսես։ Գիտե՞ք, նրա շնորքով այն հին նավը մի այնպիսի տուն է դարձել, որ քարաշեն կամ մարմարյա պալատից էլ թանկ արժի։

― Հավատում եմ, ― ասացի ես։

― Տեսնելու բան է իրավ, ― շարունակեց մր․ Օմրը, ― թե այդ փոքրիկ աղջիկն ինչպես օրեցօր ավելի ամուր, ավելի սերտ է կապվում նրա հետ։ Ուրեմն տեսնո՞ւմ եք, գործի մեջ զգացումների ընդհարում կա։ Ինչի՞ է պետք զուր տեղը երկարաձգել այդ կռիվը։

Ուշի֊ուշով ականջ էի դնում բարի ծերունուն ու սրտանց հավանություն տալիս նրա ասածին։

― Հատկապես այդ պատճառով էլ ասացի նրանց, ― վրա բերեց մր․ Օմրը, ― պարզ ու որոշ ասացի․ «Մի կարծեք, թե Էմլիի պայմանագիրն իմ մոտ ծառայելու ժամանակի մասին՝ արգելք կլինի գործին։ Ամենևին։ Ժամանակը ինչպես կուզեք փոխեցեք, այդ ձեր բանն է։ Նրա աշխատանքը սպասվածից ավելի օգուտ բերեց մեր գործին․ նա ավելի շուտ հմտացավ իր արհեստին, քան ուրիշները։ Ուրեմն պայմանագիրն ի՞նչ կնաշանակի։ Օմրն ու Ջորեմն պատրաստ են այդ գիրը գրչի մի հարվածով ոչնչացնել, և Էմլին, երբ կամենար՝ այն րոպեին էլ կազատվի։ Եթե նա հետո էլ ուզենա մեկ֊մեկ էլ մեզ մոտ աշխատել, շատ լավ կանի, իսկ եթե չուզենա, այդ էլ լավ։ Մենք ոչինչ չենք կորցնի։ Տեսնում եք, սըր, ― ասաց մր․ Օմրը, դիպչելով ինձ չիբուխի ծայրով, ― տեսնում եք, ես մի հիվանդ ծերուկ եմ, և բացի դրանից՝ թոռների տեր․ ուրեմն մի՞թե կարելի է սպասել, որ կամենամ Էմլիի նման կապտաչյա սիրուն ծաղկին հակառակել։

― Իհարկե չեք կամենա, ― հաստատեցի ես։

― Եվ չե՛մ կամենա։ Ձեր ասածը շատ ուղիղ է, ― ասաց մր․ Օմրը։ ― Ձեզ հայտնի է, սըր, որ Էմլին նշանված է Հեմի հետ․․․ հո ճանաչո՞ւմ եք այդ Հեմին։

― Շատ լավ։

― Այդպես էլ կարծում էի, սըր։ Նրա նման ընտիր բանվոր մոմով փնտրես, չես գտնի։ Այժմ նա լավ գործի տեր է և ունևոր։ Նա ինձ սրտանց շնորհակալություն հայտնեց (պետք է ասեմ, որ իր վարմունքն այս գործում շատ գովելի էր) և իսկույն գնաց մի տուն վարձեց․ այնպիսի սիրուն, կոկիկ տուն, որին նայելուց մարդու աչքը չի կշտանում։ Այժմ այդ տունը տիկնիկի դահլիճի պես է զարդարված, և եթե խեղճ Բարկիսի հիվանդությունը չծանրանար, Հեմն ու Էմլին արդեն մարդ ու կին կդառնային։ Բայց ի՞նչ արած, պիտի սպասեն։

― Իսկ Էմլին այժմ ավելի՞ հանգիստ է, մր․ Օմր, ― հարցրի ես։

Դրա մասին ինքս էլ չգիտեմ՝ ինչ ասեմ, ― պատասխանեց մր․ Օմրը, նորից կզակը շփելով։ ― Այս բոլոր փոփոխությունները կարծես փոքր֊ինչ շփոթել են նրան, և բնական է։ Հորեղբոր տանից բաժանվելու րոպեն հա՛մ մոտեցել է, հա՛մ հեռացել, և դա մի հանգստացնող հանգամանք չի։ Բարկիսի մահը շատ չի հետաձգի հարսանիքը, բայց եթե մահն ուշանա․․․ Մի խոսքով, տեսնում եք, սըր, գործը դեռ կարգին չի և իրերի վիճակն անորոշ է։

― Այո, տեսնում եմ։

― Այս պատճառով, ― շարունակեց մր․ Օմրը, ― Էմլին փոքր֊ինչ հուզված է և գուցե առաջվանից ավելի վհատված։ Նրա ջերմ սերը դեպի ապերը կարծես օրեցօր աճում է և մեզանից բաժանվելու վիշտը քանի գնում սաստկանում։ Բավական է, որ մի անուշիկ խոսք ասեմ նրան, և նա իսկույն կարտասվի․ իսկ եթե նրան իմ Միննիի փոքրիկ աղջկա հետ տեսնեք, էլ երբեք այդ պատկերը չեք մոռանա։ Ա՜հ, աստված իմ, որքան է սիրում այդ մանկան, ― կնքեց մր․ Օմրը մտախոհ։

Օգուտ քաղելով Միննիի ու Ջորեմի ուշանալուց, հարցրի մր․ Օմրին, թե ի՞նչ գիտի Մարթայի մասին։

― Ա՜հ, ― ասաց նա, գլուխը տրտում շարժելով։ Լավ բան չգիտեմ։ Որ կողմից էլ նայես, սըր, նրա պատմությունը մի տխուր բան է։ Ո՞ւմ մտքով վատ բան կանցներ այդ աղջկա մասին։ Ես երբեք չեմ վատաբանում նրան իմ Միննիի առջև․․․ Միննին անպատճառ կվշտանա։ Իմ մտքով ոչ մի վատ բան չէր անցնի, և մեզնից ոչ ոքի մտքով չէր անցել։

Մր․ Օմրն իր աղջկա ոտքերի ձայնը լսելուն պես չիբուխով հրեց ինձ և աչքով արեց, որ զգուշանամ։ Նույն րոպեին Միննին ու Ջորեմը ներս մտան։

Նրանք լուր բերին, թե Բարկիսի բանը «պրծած է», թե արդեն ուշքը կորցրել է, թե մր․ Չիլիպը խոհանուցում տխուր ասել է, որ մինչև անգամ եթե ամբողջ Անգլիայի բժիշկները, վիրաբույժմերն ու դեղագործները միասին խորհրդի հավաքվեն, դարձյալ ոչինչ չի դուրս գա, թե բժիշկներն ու վիրաբույժները, մր․ Չիլիպի ասելով, է՛լ չեն օգնի հիվանդին, իսկ դեղագործները կարող են միայն թունավորել։

Այս լսելով ու իմանալով, որ մր․ Պեգգոտին իր քրոջ տանն է, ես որոշեցի իսկույն այնտեղ գնալ։ Բարի գիշեր ասացի մր․ Օմրին, նրա աղջկան ու փեսային և դուրս ելա հիվանդի մոտ գնալու մի այնպիսի հանդիսավոր զգացումով, որ կարծես թե մր․ Բարկիսն ինձ համար մի նոր և ուրիշ մարդ դարձած լիներ։

Դուռը հանդարտ բախեցի․ մր․ Պեգգոտին բաց արեց։ Հակառակ սպասածիս՝ ինձ տեսնելով նա շատ չզարմացավ։ Նույն բանը Պեգգոտիի մոտ էլ նկատեցի, երբ նա դեպի մեզ ներքև իջավ։ Այնուհետև շատ անգամ եմ առիթ ունեցել ստուգելու, որ մահվան պես զարհուրելի պատահարին սպասելիս՝ մյուս բոլոր զգացումները մարդուս մեջ չքանում են։

Մր․ Պեգգոտիի աջը սեղմելուց հետո՝ խոհանոց մտա, մինչ նա դրսի դուռն էր փակում։ Փոքրիկ Էմլին կրակի առջև լուռ նստած էր՝ երեսը ձեռքերով ծածկած։ Հեմը կանգնած էր նրա կողքին։

Խոսում էին շշուկով և վերևից եկող ամեն մի ձայնի ուշադիր։ Այժմ ինձ տարօրինակ էր թվում, որ մր․ Բարկիսը խոհանոցից բացակա էր, թեև վերջին այցելությանս ժամանակ բնավ չէի մտածել այդ մասին։

― Ձեր գալը, մաստր Դեվի, ձեր սրտին պատիվ է բերում, ― ասաց մր․ Պեգգոտին։

― Մեծ պատիվ, ― ավելացրեց Հեմը։

― Էմլի, հոգյակս, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Տես՝ մաստր Դեվին է եկել։ Դե, սիրելիս, զվարթացիր։ Այդ ի՞նչ է։ Մաստր Դեվիին մի խոսք էլ չե՞ս ասի։

Էմլին ամբողջ մարմնով սարսռաց․ դեռ այսօր էլ այդ սարսուռը տեսնում եմ։ Դեռ այսօր էլ զգում եմ, թե որքան սառն էր նրա աջը, որ նա ձեռքիս շոշափումը զգալուն պես ետ քաշեց։ Այնուհետև նա աթոռից վայր սահեց և կամաց մոտնալով հորեղբորը, նրա կրծքի վրա ընկավ՝ դարձյալ լուռ ու դողդոջուն։

― Սրա սիրտն այնքան զգայուն է, ― ասաց մր․ Պեգգոտին, իր կոշտ ձեռքով Էմլիի ճոխ մազերը շփելով, ― որ չի կարող այս վշտին դիմանալ։ Բնական բան է, մաստր Դեվի, ջահելներն այս տեսակ փորձանքների սովոր չեն, և ահա թռչնակի պես երկչոտ են․․․ շա՜տ բնական է։

Էմլին ավելի սեղմվեց նրա կրծքին, սակայն ոչ երեսը ցույց տվեց, ոչ էլ մի բառ արտասանեց։

― Արդեն ուշ է, հոգյակ իմ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Հեմն էլ ահա սպասում է․ ուզում է քեզ տուն տանել։ Միասին գնացեք։ Հը՞․․․ ի՞նչ ասացիր, սիրունիկս։

Աղջկա թույլ ձայնը չհասավ ինձ։ Մր․ Պեգգոտին գլուխը խոնարհեց, ասես թե նրան ականջ դնելով, և հետո ասաց․

― Հը՞, դու ուզում ես ինձ հե՞տ մնալ։ Այդ ի՞նչ բան է։ Հանաք ես անում, ճնճղուկս։ Ինչի՞ նման է քավթառ ապորդ մոտ մնալը, քանի որ կտրիճ փեսադ եկել է, որ անձամբ քեզ տուն տանի։ Ի՞նչ կասեք, ― գոչեց մր․ Պեգգոտին՝ անհուն հպարտությամբ ինձ ու Հեմին նայելով։ ― Ո՞վ կկարծեր, որ ինձ նման մի բիրտ ու կոպիտ նավաստի այսքան սիրված է։ Բայց ծովն էլ այնքան աղ չունի, ինքան որ սա դեպի դեպի իր ծերուկ ապերը սեր ունի։ Այ դու խենթուլիկ Էմլի։

― Էմլին լավ է անում, մաստր Դեվի, ― ասաց Հեմը։ ― Տեսեք ուզում է այստեղ մնալ։ Չէ՞ որ մի քիչ երկչոտ է։ Դե, մինչև առավոտ թող մնա։ Ես էլ կմնամ։

― Չէ, չէ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Դու պսակված մարդ ես, կամ գրեթե պսակված․ քեզ պետք չէ գործիդ օրը կորցնել։ Հո չի՞ կարելի հա՛մ գիշերն արթուն մնալ, հա՛մ ցերեկն աշխատել։ Այդպիսի բան չի լինի։ Տուն գնա, քնիր։ Կարծում ես թե Էմլիին առանց քեզ չե՞նք պահպանի։

Հեմը տեղի տվեց այդ փաստերին ու գլխարկը վերցնլով պատրաստվեց գնալու։ Բայց մինչև անգամ այն րոպեին, երբ նա նշանածին համբուրեց, և վստահ եմ՝ ջերմ սրտով, Էմլին ավելի ամուր փարվեց ապորը, կարծես թե խուսափելով փեսացուից։ Հեմի հեռանալուց հետո, ես զգուշությամբ դրսի դուռը փակեցի և երբ ետ եկա, մր․ Պեգգոտին դեռ խոսում էր Էմլիի հետ։

― Այժմ վեր բարձրանամ, ― ասաց նա, ― հայտնելու տատիդ, որ մաստր Դեվին այստեղ է․ այս լսելով նա գոնե մի քիչ կուրախանա։ Իսկ դու կրակի առջև նստիր ու սառը ձեռքերդ տաքացրու։ Բավական է, հոգիս, այդքան մաշվես ու վախենաս։ Ի՞նչ։ Ուզում ես հետս գալ։ Դե լավ, գնանք։ Եթե ինձ տանից վռնդեն ու ստիպեն մի ցեխոտ փոսում ապրել, մաստր Դեվի, ― ասաց առաջվա հպարտությամբ մր․ Պեգգոտին, ― այն ժամանակ էլ, հաստատ գիտեմ, այս աղջիկը չի բաժանվի ապորից։ Բայց իմ տեղը քո սրտում շուտով ուրիշը կբռնի, չէ՞, Էմլի, մեկ ուրիշը, և շուտով։

Փոքր֊ինչ հետո, երբ ես էլ վերև բարձրացա, իմ մութ սենյակիս դռան մոտով անցնելիս կարծես թե Էմլիին հատակի վրա փռված տեսա։ Բայց տեսածս արդյոք նա՞ էր, թե ստվերների խաղից առաջացած մի երևույթ, մինչև այսօր չգիտեմ։

Խոհանոցի կրակի առջև մենակ նստած՝ սկսեցի մտածել այն սարսափի մասին, որ սիրուն Էմլին զգում էր մահվանից, և այս հանգամանքը մր․ Օմրի պատմածի հետ կապելով, կարծեցի, թե այդ կլինի նրա փոփոխության պատճառը։ Եվ մինչև Պեգգոտիի ներքև իջնելն այսպես մենակ մտածելիս, ես ավելի ներող մտքով սկսեցի նայել Էմլիի թուլության վրա։ Ժամացույցի ճոճանակը շարունակ չխկչխկում էր և ամբողջ տան խորհրդավոր լռությունը քիչ֊քիչ սկսել էր սրտիս վրա ազդել։ Վերջապես Պեգգոտին եկավ, գրկեց ինձ, օրհնեց ու հազար անգամ շնորհակալ եղավ, որ իրեն «իր այս դառն վշտերի մեջ սփոփելու եմ եկել»։ Այնուհետև խնդրեց ինձ իր հետ վերև բարձրանալ ու հեկեկալով հաղորդեց, թե Բարկիսն ինձ շատ է սիրել ու միշտ վրաս հիացել․ թե այժմ նա խելքը կորցրել է, բայց առաջ անդադար հիշել է ինձ, և հիմա էլ աչքը որ բանա ու ինձ տեսնի, անպատճառ կզվարթանա, եթե միայն մի որևէ երկրային բան կարող է նրան զվարթացնել։

Սակայն անենևին հավանական չէր, որ Բարկիսն աչքը բանա ու ինձ տեսնի։ Երբ որ հիվանդի մոտ մտանք, նա անհարմար դիրքով էր պառկած՝ ուսերն ու գլուխը անկողնուց դուրս, գրեթե սնդուկի վրա կախված, որ այնքան հոգս, այնքան վիշտ էր պատճառել նրան։ Ինձ պատմեցին, թե այն րոպեին, երբ Բարկիսը այլևս հնար չէր գտել անկողնուց դուրս սողալու, որպեսզի սնդուկը անձամբ բանա կամ դրա ներկայությունն այն մոգական գավազանով ստուգի, որ ինքս մի անգամ տեսել էի, նա հրամայել էր սնդուկն անկողնու մոտ՝ աթոռի վրա դնել ու գիշեր֊ցերեկ դա բռնել է իր գրկում։ Այժմ էլ նրա բազուկները սնդուկի վրա էին։ Ժամանակն ու աշխարհը փախչում էին նրանից, բայց սնդուկը դեռ ներկա էր և հիվանդի վերջին խոսքն այս է եղել, թե «Հնոտիք են, միայն հնոտիք»։

― Բարկիս, սիրելիս, ― ասաց դայակս համարյա թե ուրախ ձայնով ու դեպի անկողնու սնարը թեքվեց, մինչ նրա եղբայրն ու ես ոտքերի մոտ կանգնեցինք։ ― Ահա իմ սիրասուն որդյակը, մեր անգին մաստր Դեվին եկել է․․․ հիշո՞ւմ ես, Բարկիս, այն Դեվին, որ մեր պսակը գլուխ բերավ․․․ որի ձեռքով դու ինձ լուր էիր ուղարկում, հիշո՞ւմ ես։ Մի՞թե չես ուզում մի֊երկու խոսք ասել մաստր Դեվիին։

Բարկիսը լուռ էր և անզգա, ինչպես իր սնդուկը, որ տակավին բռնած էր։

― Ծովի ջրերի իջնելուն հետ սա էլ կգնա, ― ասաց մր․ Պեգգոտին՝ ձեռքը բերանին դնելով։

Աչքերս արդեն տամկացել էին․ մր․ Պեգոտիի աչքերումն էլ արտասուք էր փայլում, բայց և այնպես շշնջալով հարցրի նրան․

― Ինչպե՞ս թե ջրերի իջնելու հետ։

― Այո, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Ծովեզերքի մարդիկ մեռնում են միայն ջրի իջնելու ժամանակ․ ջրի աճելու սկզբին ծնվում են և ջրի հորդության ժամանակ արդեն լիովին աշխարհ գալիս։ Բարկիսն էլ իջնելու հետ կմեռնի։ Դեռ ջուրն աճելու վրա է, պետք է մինչև երեք անց կեսը սպասել։ Ժամը չորսին կսկսի տեղի տալ։ Եթե այդ միջոցին հոգին չտա, նշանակում է մինչև հետևայլ տեղատվությունը դեռ կապրի։

Մենք մնացինք հիվանդի մոտ, երկար ժամեր հսկելով․․․ երկար ժամեր։ Արդյոք հիվանդի վրա իմ ներկայությունը որևէ խորհրդավոր ազդեցությո՞ւն ունեցավ, չգիտե՛մ․ բայց երբ վերջապես նա սկսեց զառանցել, նրա անկապ ու թույլ մրմունջից իմացանք, որ ինձ վարժարան տանելն է մտաբերում։

― Ուշքի է գալիս, ― ասաց Պեգգոտին։

Մր․ Պեգգոտին հրեց ինձ և եկյուղած շշուկով արտասանեց․

― Ահա ջուրն իջնում է, և նա հոգին ավանդում։

― Բարկիս, հոգիս, ― ասաց դայակս։

― Կլարա Պեգգոտի Բարկիս․․․ ― թոթովեց մեռնողը։ ― Քեզնից լավ կին չկա աշխարհիս երեսին։

Նա աչքերը բաց էր արել։ Ուզում էի հարցնել, թե ճանաչո՞ւմ է ինձ։ Այդ րոպեին նա փորձեց աջը մեկնել, թեթև ժպտաց և որոշակի ասաց ինձ․

― Բարկիսը հոժա՜ր է։

Եվ որովհետև ջուրն արդեն իջնում էր, Բարկիսն էլ այս աշխարհից հեռացավ։


ԺԱ․ գլուխ

Մի ավելի մեծ կորուստ


Դժվար չէր ինձ համար Պեգգոտիի խնդրանքով իր մոտ մնալ, մինչև խեղճ կառապանի մարմինը վերջին անգամ Բլենդրոտըն ուղևորվեր։ Դայակս իր խնայած գումարով արդեն վաղուց մեծ հանգստարանում մի կտոր հող էր գնել՝ իր անմոռաց գերեզմանին կից, ինչպես որ անվանում էր մայրիկիս, և ահա այնտեղ պիտի ամփոփվեր նրա ամուսնու աճյունը։ Ես շատ գոհ էի, որ Պեգգոտիի մոտ մնալով առիթ էի գտնում փոքր ի շատե օգնելու նրան և երախտագիտության պարտքս վճարելու։ Սակայն պիտի խոստովանեմ, որ ինչքան էլ այս պարտքի վճարումը քաղցր լիներ, ես ավելի անձնական ու պաշտոնական բավարարվածություն զգացի, երբ ինձ վիճակվեց մր․ Բարկիսի կտակը քննել և դրա բովանդակությունը ճշտել։

Ամենից առաջ ես պատիվ ունեցա այն միտքը հայտնելու, թե կտակն անշուշտ սնդուկում է գտնվում։ Եվ իրոք, մի քիչ փնտրելուց հետո, կտակը արկղի մեջ գտանք՝ ձիու տոպրակի հատակում, ուր (բացի վարսակից ու խոտից) այն հաստ շղթայով ու կնիքով հին ոսկե ժամացույցն էլ երևան եկավ, որ մր․ Բարկիսն իր հարսանիքի օրը կախած ուներ, և որը սակայն հայտնի չէ, թե ո՞ւր էր կորել դրանից հետո։ Հետազոտության շարունակությունը ցույց տվեց, որ հանգուցյալն իրավունք ուներ իր «հնոտիների» վրա դողալու։ Սնդուկից մեկ֊մեկ դուրս ելան մի ոտնաման, արծաթե ցից՝ թամբաքու լցնելու համար․ մի արհեստական լիմոն՝ մեջը մանրիկ թեյի բաժակներով ու պնակներով ― անշուշտ երեխայությանս ժամանակ ինձ համար գնված մի պարգև, որ սակայն մր․ Բարկիսը լավ էր համարել պահել․ ութսունյոթ ու կես գինե՝ ոսկե դրամով․ երկու հարյուր տասը ստեռլինգ՝ բանկի նոր տոմսերով, Անգլիական Բանկի ընկալագիր, մի հին պայտ, մի ժանգոտ շիլինգ, մի կտոր քափուր և մի հատ ոստրեի խեցի։ Այս վերջին առարկայի շատ հղված ու ներքուստ ծիածանի պես գունզգույն լինելու համար, պետք էր կարծել, թե մր․ Բարկիսը նրա մեջ մարգարիտ գտնելու հույս ունեցած լիներ։

Տարիներից ի վեր ամեն օր մր․ Բարկիսն իր մշտական ուղևորությունների ժամանակ այդ սնդուկը ման էր ածել։ Եվ որպեսզի դա կասկածներ տեղի չտա՝ խորամանկությամբ հնարել էր, թե «Այս սնդուկը մր․ Բլեկբոյին է պատկանում և մնալու է Բարկիսի մոտ՝ ցպահանջ», մի առասպել, որ գրել էր խուփի երեսին խոշոր, բայց արդեն մաշված տառերով, որոնք այժմ շատ դժվար էին կարդացվում։

Տեսա, որ մր․ Բարկիսը իր գանձերը զուր չէր դիզել ու մթերել այնքա՜ն տարի։ Նրա դրամական ստացվածքը մոտ երեք հազար ֆունտ ստեռլինգ էր։ Այս գումարից հազարի տոկոսը նա կտակել էր մր․ Պեգգոտիին՝ ցկյանս․ նրա մահից հետո դրամը հավասար բաժանելու էր Պեգգոտիի, Էմլիի և իմ միջև, կամ պիտի հասներ մեզնից կենդանի մնացողին։ Իսկ բոլոր մնացած դրամագլուխն ու իրերը հատկացնում էր Պեգգոտիին, կարգելով նրան ընդհանուր ժառանգ և իր վերջին կամքի ու կտակի միակ կատարիչ։

Ես գրեթե մի կատարյալ պրոկտր էի համարում ինձ, այդ կտակը բարձրաձայն, հանդիսաբար կարդալիս ու դրա յուրաքանչյուր հոդվածի իմաստը ժառանգորդներին մեկնաբանելիս։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ զգացի, թե Դոկտորների ԸՆկերության անդամ լինելը հանաք բան չի։ Ես կտակն ուշի֊ուշով հետազոտեցի և իմ գիտության ունկնդիրներիս՝ հայտնեցի, թե թուղթն ամեն տեսակետից կանոնավոր է հորինված, և վերջապես լուսանցքների վրա մատիտով մի երկու նշան դնելեւց հետո՝ ինքս էլ սաստիկ զարմացա, որ այդքան բան գիտեմ։

Թաղման հանդեսի նախորդ շաբաթն այս մանրակրկիտ զբաղմունքներով անցկացրի։ Ես Պեգգոտիին հասանելիք բոլոր գույքերի ցուցակը կազմեցի, նրա ամեն գործերն օրենքի համեմատ կարգի բերի և ի մեծ հաճություն երկուսիս, ամեն մի կետում նրա խորհրդականն ու փաստաբանը հանդիսացա։ Այդ օրերում ոչ մի անգամ Էմլիին չտեսա․ միայն լսեցի, թե մի երկու շաբաթից հետո պսակվելու է։

Հուղարկավորության ժամանակ ես ձևականություն չարեցի․ ուզում եմ ասել՝ սև կրկնոց ու սև շղարշ չհագա թռչուններին վախեցնելու համար․ առավոտյան վաղ վերկենալով ոտքով գնացի Բլենդրոտըն և արդեն մտել էի հանգստարան, երբ դագաղն էլ այնտեղ հասավ՝ միայն Պեգգոտիի ու նրա եղբոր ուղեկցությամբ։ Խելագար ջենտլմենը նայում էր իմ պատուհանից․ մր․ Չիլիպի մանուկն իր ծանր գլուխը շարժելով, աչքերը չռած դիտում էր քահանային՝ իր դայակի ուսերի հետևից․ մր․ Օմրը հևում էր սենյակի խորքում․ ուրիշ մարդիկ չկային, և հանգստարանը վերին աստիճանի խաղաղ էր։ Ամեն բան վերջացնելուց հետո, մենք այնտեղ մի ժամի չափ ման եկանք ու մի քանի թարմ ոստեր քաղեցինք մորս գերեզմանը հովանավորող ուռենուց։

Հանկարծ ահյստեղ մի սարսափ տիրեց սրտիս։ Հեռավոր քաղաքի վրա, դեպի ուր գնում եմ մենակ, մի սևաթույր ամպ է իջնում։ Վախենում եմ մոտենալ քաղաքին։ Այդ չարաշուք գիշերվա պատահարն ու դրան հաջորդող անցքերը հիշելուց անգամ սարսռում եմ։

Սակայն չարիքը չի վատանա, եթե պատահարը նկարագրեմ, չի էլ ուղղվի, եթե դողդոջ գրիչս վայր դնեմ։ Ինչ որ եղել է, եղել է․ ոչ մի մարդկային ուժ չի կարող այլևս ջնջել նրան կամ փոխել։

Դայակս ու ես հետևյալ օրը Լոնդոն պիտի գնայինք՝ կտակը վավերացնելու համար։ Փոքրիկ Էմլին մր․ Օմրի տանն էր մնացել։ Պայման էինք դրել, որ թաղումից հետո, երեկոյան, բոլորս միասին հին նավատանը կհավաքվենք։ Հեմը Էմլիի հետ սովորական ժամին պիտի գար։ Մր․ Պեգգոտին և իր քույրը սպասելու էին մեզ վառարանի դիմաց։

Ես նրանցից հանգստարանի դռնակի մոտ բաժանվեցի և փոխանակ ետ դառնալու՝ Լոուստֆոտի ճամփան դուրս եկա և միայն հետո քայլերս դեպի Յարմաութ ուղղեցի։ Ճաշելու համար կանգ առա այն պանդոկում, որ գտնվում էր երկու մղոն լաստից այս կողմ, և արդեն երեկոյան հասա լաստին։ Սկսվեց հորդ անձրև գալ, սաստիկ քամի բարձրացավ․ սակայն լուսինը երբեմն փայլում էր ամպերի միջից ու գիշերը խավար չէր։

Շուտով մր․ Պեգգոտիի տնակն ու նրա պատուհանում շողացող ճրագը նշմարեցի։ Խոնավ ավազի վրայով մի քանի քայլ անելուց հետո՝ արդեն դռան մոտ էի և ներս մտա։

Շատ դուրեկան էր այդ տան ներսի տեսարանը։ Մր․ Պեգգոտին հանգիստ նստած ծխում էր․ երևում էր, որ ընթրիք է պատրաստվում։ Կրակը վառ էր։ Սնդուկը, որի վրա միշտ նստում էր Էմլին, սպասում էր նրան։ Պեգգոտին իր նախկին տեղում նստած էր և եթե այրիի սև զգեստ հագած չլիներ, ոչ ոք մի փոփոխություն չէր նկատի նրա կյանքի մեջ։ Իր հին տուփը՝ ս․ Պողոս եկեղեցու պատկերով, մետրաչափը, մոմի կտորն ու թելը արդեն իր մոտ էր դրել ― այս բոլորն անպակաս էր, ինչպես և միշտ։ Մրս․ Գըմիջը կարծես դժգոհ էր․ նշանակում է նա էլ իր սովորական դրության մեջ էր։

― Ամենից առաջ դուք եք գալիս, մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին զվարթ դեմքով։ ― Իսկույն հանեցեք ձեր թրջվված վերարկուն, սըր։

― Շնորհակալ եմ, մր․ Պեգգոտի, ― ասացի ես, վերարկուս նրան տալով, որ կախի։ ― Արդեն գրեթե չորացել է։

― Տեսնում եմ, ― ասաց նա, շոշափելով ուսերս։ ― Տաշեղի պես չոր է։ Նստեցեք, սըր։ Հարկ չկա «բարով եկաք» ասելու․ ես միշտ ուրախ եմ ձեր գալու համար, սրտանց ուրախ։

― Շնորհակալ եմ, մր․ Պեգգոտի․ դրանում հավատացած եմ։ Բարով, Պեգգոտի, ― ասացի ես, համբուրելով դայակիս։ ― Ինչպե՞ս ես։

― Հե՜, հե՜, հե՜, ― ծիծաղեց մր․ Պեգգոտին, մեր կողքին նստելով ու ձեռքերը շփելով, ասես թե իր նոր վիշտը փարատելու համար։ ― Սրա նման կին աշխարհում չի ճարվի, սըր․․․ իրեն էլ քանի անգամ ասել եմ։ Ո՞ր կինը սրա նման մաքուր խիղճ կունենա։ Իր պարտքը դեպի լուսահոգին ազնվաբար կատարեց․ լուսահոգին այդ գիտեր։ Դրա պատճառով լուսահոգին էլ իր պարտքը դեպի սա արդարությամբ կատարեց․ սա էլ դեպի լուսահոգին իր․․․ մեկ խոսքով․․․ ամեն բան լավ վերջացավ․․․

Մրս․ Գըմիջը հոգոց հանեց։

― Բավական է, ախ քաշես, սիրունիկ իմ, ― ասաց մր․ Պեգգոտին։ (Բայց դեպի մեր կողմն աչքով արեց ցույց տալու համար, որ վերջին դեպքերն իրոք կարող էին ծերի հիշատակը պառավի հոգում նորոգել)։ ― Սիրտդ փոքր֊ինչ ամուր պահիր, զվարթացիր։ Աստուծով, դեռ լավ օրեր էլ կտեսնես։

― Ահ, Դանիել, ― համառեց մրս․ Գըմիջը։ ― Էլ մի ասա։ Լավ օրերն ինձ նման անտուն֊անտերի համար չեն։

― Դե, դե, ― ասաց մր․ Պեգգոտին, աշխատելով սփոփել նրան։

― Այո, այո, Դանիել, ― փնթփնթաց մրս․ Գըմիջը։ ― Ինչ լավ օրեր կարող եմ տեսնել գանձեր ժառանգող մարդկանց հետ։ Այդ բոլորը ինձ հակառակ է կատարվում։ Լավ է թաղեք, գնամ կորչեմ։

― Գնաս, ո՞ւր գնաս, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Հապա ես ո՞ւմ հետ պիտի ծախսեմ այդ գանձերը, եթե ոչ քեզ հետ։ Ի՞նչ բաներ ես դուրս տալիս։ Չե՞ս իմանում, որ այժմ դու ինձ ավելի ես հարկավոր, քան թե առաջ։

― Լավ գիտեմ, որ առաջ ոչ մեկին հարկավոր չէի, ― գոչեց մրս․ Գըմիջը, ― հիմա էլ ուղիղ երեսիս են ասում այդ։ Ո՞ւմ է հարկավոր ինձ նման չոր գլուխ, անտուն֊անտեր թշվառը։

Մր Պեգգոտին շատ զարմացավ, որ այդպիսի մեկնություն տվին իր ճառին, և ուզում էր տաք֊տաք պատասխանել․ բայց քույրը թևից քաշելով արգելեց նրան։ Մի քանի ժամանակ տագնապով մրս․ Գըմիջին նայելուց հետո՝ նա նայեց հոլանդական ժամացույցին, վերկացավ, ճրագը վառեց ու պատուհանի մեջ դրեց։

― Հիմի ամեն բան կարգին է, ― ասաց մր․ Պեգգոտին ուրախ ձայնով։ ― Տես, ամեն բան պատրաստ է, մրս․ Գըմիջ։

Մրս․ Գըմիջը տնքաց։

― Ճրագը վառված է ու պատուհանին է դրված, ― շարունակեց մր․ Պեգգոտին։ ― Դուք զարմանում եք, սըր, թե ի՞նչ է նշանակում այս բանը։ Հըմ, մեր Էմլիի համար է վառված։ Գիտեք, որ ճանապարհը հարթ չէ, մթնով գալն էլ հեշտ բան չէ․ ահա ես էլ, երբ որ տանն եմ նրա գալու ժամանակ, պատուհանի վրա ճրագ եմ դնում։ Եվ գիտեք, ― ասաց նա, մեծ խնդությամբ դեպի ինձ հակվելով, ― այդ ունի երկու նպատակ։ Մեկ, որ Էմլին կասի․ «Ահա ապոր տնակը»․ երկրորդ՝ կասի․ «Ապերը տանն է», որովհետև ես որ տանը չլինեմ, հո ճրագն էլ չի վառվի։

― Իսկ և իսկ երեխա ես, ― ասաց Պեգգոտին, որ սակայն շատ գոհ էր եղբոր սիրուց դեպի Էմլին։

― Մի՞թե, ― ասաց մր․ Պեգգոտին, ոտքերը լայն֊լայն դնելով, ձեռքերն ուրախ իրար շփելով ու մեկ ճրագին նայելով, մեկ էլ մեզ։ ― Չգիտեմ։ Կարծես թե գոնե մարմնով երեխայի նման չեմ։

― Այո՛, փոքր֊ինչ զանազանվում ես երեխայից, ― նկատեց դայակս։

― Հասակովս՝ անտարակույս, ― ծիծաղեց մր․ Պեգգոտին, ― իսկ ուրիշ կողմից որ նայենք․․․ Է՛հ, հոգ չէ, քո ասածը թող լինի։ Բայց տեսեք, թե բանն ինչումն է։ Մեր Էմլիի այս տնակը նայելիս խելքս թռչում է, ― գոչեց հանկարծ մր․ Պեգգոտին ցնծությամբ, ― էլ ուրիշ բան չեմ կարող ասել․․․ ինձ թվում է, թե ամենափոքրիկ իրերն անգամ Էմլիի մասերն են։ Վերցնում եմ, ամեն մի բան տեղն եմ դնում, զգույշ֊զգույշ շոշափելով, կարծես թե Էմլիին եմ գուրգուրում։ Այսպես եմ վարվում և նրա փոքրիկ գլխարկների և ուրիշ իրերի հետ։ Վա՛յ նրան, ով որ կհամարձակվի Էմլիին պատկանող որևէ առարկայի կոպիտ դիպչել։ Տեսա՞ր, այս տեսակ երեխա եմ ես, միայն թե ծովային ոզնու տեսքով, ― հարեց մր․ Պեգգոտին ու փառ֊փառ ծիծաղեց։

Պեգգոտին ու ես ծիծաղեցինք, բայց ոչ այդքան բարձրաձայն։

― Ահա այս է իմ կարծիքը, եթե ուզում եք իմանալ, ― շարունկեց մր․ Պեգգոտին զվարթերես, նորից ծունկերը շփելով։ ― Եվ պատճառը գիտե՞ք ինչ է։ Այն է, որ ես ու Էմլին շատ ենք միասին խաղացել, երբ նա դեռ իմ թզի չափ էր, և ինչ ասես չէինք ներկայացրել՝ թուրք, ֆրանսիացի, շնաձուկ և ամեն տեսակ օտարազգի, այո՛, այո՛․․․ և՛ առյուծ, և՛ կետ, և՛ աշխարհիս որ գազանը ցանկանաք, երբ նա դեռ ծնկներիս էլ չէր հասնում։ Ահա այդպես էինք իրար հետ։ Տեսեք հիմա այդ ճրագը, ― ասաց մր․ Պեգգոտին, ձեռքը հիացմամբ դեպի ճրագը մեկնելով։ ― Հավատացած եմ, որ Էմլին մարդու էլ որ գնա, ճրագը դարձյալ այդտեղ կդնեմ, ճիշտ այդպես։ Հաստատ գիտեմ, որ երբ ես գիշերները տանը լինեմ (և ասացեք աստծու սիրուն՝ որքան էլ հարստանամ, ուրիշ որտե՞ղ պիտի ապրեմ) և նա այստեղ չլինի, կամ ես նրա մոտ չլինեմ, դարձյալ ճրագը պատուհանի վրա կդնեմ ու կրակի առջև կնստեմ, կարծես թե նրան սպասելով, ինչպես որ հիմա սպասում եմ։ Ահա այդպիսի երեխա եմ ես, ― նորից քրքջալով գոչեց մր․ Պեգգոտին, միայն թե ծովի ոզնու նման։ Հիմի էլ այդ ճրագին նայելիս ինքս ինձ ասում եմ․ «Էմլին լույսը տեսնում է, նա գալի՜ս է»։ Ահա այսպիսի ոզնիակերպ երեխա եմ։ Եվ ասածս ճիշտ է, ― ասաց մր․ Պեգգոտին, ծիծաղելուց դադարելով ու ծափ տալով, ― որովհետև ահա եկա՜վ։

Բայց եկողը միայն Հեմն էր։ Երևի իմ գալուց հետո, գիշերվա անձրևը սաստկացել էր, որովհետև Հեմի լայնեզր գլխարկը բոլորովին թրջվել էր և կախ ընկել նրա դեմքի վրա։

― Էմլին ո՞ւ ր է, ― հարցրեց մր․ Պեգգոտին։

Հեմը գլխով նշան արավ, թե դռան հետևն է։ Մր․ Պեգգոտին ճրագը պատուհանից վերցրեց, դրեց սեղանի վրա ու շտապեց վառարանի կրակն արծարծել։ Հեմը, որ դեռ անշարժ կանգնած էր, ինձ դիմելով ասաց․

― Մաստր Դեվի, խնդրեմ մի րոպի միասին դուրս գանք, կտեսնեք, թե ի՞նչ ենք բերել ես ու Էմլին՝ ձեզ ցույց տալու համար։

Դուրս ելանք։ Միայն շեմքի վրա զարհուրելով նկատեցի, որ Հեմը մեռելի պես սփրթնած է։ Նա արագ դուրս հրեց ինձ և իսկույն մեր հետևից դուռը փակեց։ Էմլին չկար։

― Հեմ, ի՞նչ է պատահել։

― Մաստր Դե՜վի․․․

Եվ նա սկսեց հուսակտուր լաց լինել։

Ես քարացած մնացի՝ նրա վիշտը տեսնելով։ Չգիտեմ՝ այդ րոպե ի՞նչ անցավ իմ մտքով կամ ինչի՞ց վախեցա, միայն թե շվարած նայում էի նրան։

― Հեմ, սիրելի Հե՜մ։ Ցավդ տանեմ, ասա՝ ի՞նչ է պատահել։

― Ախ, իմ Էմլին, սիրերլի Էմլիս, մաստր Դեվի․․․ կյանքիս պարծանքն ու հույսը․․․ նա, ում համար պատրաստ էի գլուխս մահու տալ․․․ հիմի էլ կտամ․․․ էլ չկա։

― Էլ չկա՞։

― Փախել է։ Օ՜հ, մաստր Դեվի, և ինչպե՜ս․․․ Ես որ նրան հոգով սրտով պաշտում եմ․․․ միայն այս եմ խնդրում իմ բարեգութ աստծուց, որ շանթահար անի նրան, քան թե թույլ տա խայտառակվել ու կորչել։

Երիտասարդի դեպի մռայլ երկինք գցած հայացքը, նրա ձեռքերի պրկումը, ծնկների դողը, տագնապած դեմքի այլայլումը մինչև հիմա հիշողությանս մեջ կենդանի են այն դատարկ անապատի տեսարանի հետ միասին, ուր կատարված ողբերգության միակ անձը ինքն էր, իսկ վկան՝ միայն խավար գիշերը։

― Դուք գիտնական մարդ եք, մաստր Դեվի, ― ասաց նա շտապով։ ― Դուք կիմանաք թե ի՞նչ անեմ, ներսի մարկանց ի՞նչ ասեմ, բանի էությունը ինչպե՞ս հայտնեմ ծերունուն։

Այդ րոպեին դուռը շարժվեց․․․ ես բնազդով փութացի մղլակը դրսից բռնել, որպեսզի գեթ մի վայրկան ժամանակ շահենք․ բայց ուշ էր։ Մր․ Պեգգոտին գլուխը դուրս հանեց, և ես երբեք չեմ մոռանա, նույնիսկ եթե հինգ հարյուր տարի ապրելու լինեմ, այն սոսկալի փոփոխությունը, որ նրա երեսին նշմարեցի։

Հանկարծ մի լացուկոծ բարձրացավ․ կանայք նրա վրա թափվեցին։ Մենք արդեն սենյակումն ենք՝ բոլորս էլ ոտքի վրա․ ես ձեռքիս մի թուղթ բռնած, որ տվել էր ինձ Հեմը․ մր․ Պեգգոտին բաց բաճկոնով, խառնիփնթոր մազերով, դժգույն դեմքով ու սպիտակած շուրթերով, աչքերն անքթիթ, մինչ կրծքից վայր շիթ֊շիթ արյուն էր կաթկթում, որ անշուշտ բերնից էր հոսել։

― Կարդացեք, սըր, ― ասաց նա դողդոջ ձայնով։ ― Բայց խնդրեմ փոքր֊ինչ դանդաղ կարդացեք։ Չգիտեմ, արդյոք կհասկանա՞մ։

Եվ ես սենյակի մեռելային լռության մեջ արտասվաթոր նամակի հետևյալ խոսքերը կարդացի․

«Երբ որ դուք, ― դուք, որ շատ ավելի եք սիրում ինձ, թե արժանի էի նույնիսկ սրտիս անմեղության ժամանակ, ― այս նամակն ընդունեք, ես արդեն հեռու կլինեմ»։

― Արդեն հեռու կլինեմ, ― կրկնեց մր․ Պեգգոտին մեղմ ձայնով։ ― Սպասեցեք։ Էմլին հեռու կլինի։ Հետո՜։

«Հեռանում եմ առավոտյան իմ սիրելի ընտանիքից․․․ իմ սիրելի, սուրբ ընտանիքից․․․ այն պայմանով»․․․

Նամակը մի գիշեր առաջ էր գրված։

»․․․որ էլ երբեք չվերադառնամ, մինչև որ նա ինձ՝ ինչպես իր հարազատ կնոջ, ետ չբերի։ Նամակս մեկնելուց շատ հետո կհասնի ձեզ, երեկոյան այն ժամին, երբ ինձ սպասելիս կլինեք։ Օ՜հ, եթե գիտենայիք, թե ինչքա՜ն է սիրտս կտրտվում։ Ես ձեր առաջ շատ հանցավոր եմ, ձեր ներողամտությանը անարժան․ բայց եթե գիտենայիք, թե ինչ ցավ եմ քաշում։ Սակայն ես այնքան մեղապարտ եմ, որ իմ մասին չարժի խոսել։ Մխիթարվեցեք այն համոզումով, որ ես մի վատ աղջիկ եմ։ Աղաչում եմ, աստծու սիրուն, ապորն ասացեք, որ ես ոչ մի ժամանակ այնքան իրեն չեմ սիրել, ինչպես որ այժմ եմ սիրում։ Մի հիշեք այն ջերմ սերը, այն գութն ու խնամքը, որ բոլորդ էլ ընծայել եք ինձ․․․ օ՜հ, մի հիշեք, թե մենք պիտի պսակվեինք․․․ այլ աշխատեցեք մտածել, թե ես դեռ մանկական հասակումս մեռած էի և որևէ տեղ թաղված։ Թող մարդասեր աստված սիրելի ապորս հովանի լինի։ Ասացեք նրան, որ ես նրան առաջ կիսով չափ այնպես չեմ սիրել, ինչպես որ հիմա եմ սիրում։ Սփոփեցեք նրան։ Սիրեցեք մի ուրիշ լավ աղջկա, ինչպես որ մի ժամանակ ես էի, որ ապոր մոտ իմ տեղը բռնի, ձեզ լիովին արժանի լինի, և ձեզնից ամաչելու պատճառ չունենա ինձ նման։ Աստված օրհնե՜ ամենքիդ։ Միշտ ծնկաչոք պիտի աղոթեմ դրա համար։ Եթե ես իբրև ամուսին չվերադառնամ և անկարող լինեմ ինքս ինձ համար աղոթել, գեթ ձեր բոլորիդ համար չեմ դադարի աղոթելուց։ Վերջին բարևս ապորը։ Վերջին շնորհակալությունս ու վերջին արտասուքս մեր անգի՜ն ապորը»։

Այս էր բոլորը։

Ավարտեցի, բայց դեռ երկար ժամանակ մր․ Պեգգոտին լուռ կանգնած էր, նայելով վրաս։ Վերջապես վստահեցի նրա ձեռքը բռնել և որքան կարող էի խնդրել, որ մի քիչ տիրապետի ինքն իրեն։

Շնորհակա՜լ եմ, շնորհակա՜լ եմ, սըր, ― ասաց նա, առանց շարժվելու իր տեղից։

Այնուհետև Հեմը փորձեց նրա հետ խոսել։ Նրա կարեկցության նշաններից մր․ Պեգգոտին այնքան քնքշացավ, որ իսկույն նրա աջն ամուր սեղմեց, բայց շարունակեց անշարժ մնալ, և ոչ ոք մեզնից չհամարձակվեց նրա լռությունն ընդհատել։

Վերջ ի վերջո, կարծես երազից սթափվելով, նա հանդարտ իր շուրջը նայեց․ հետո թույլ ձայնով ասաց․

― Ո՞վ է այն մարդը։ Ուզում եմ անունն իմանալ։

Հեմը երեսիս նայեց, և ես հանկարծ մի հարված ստացողի պես ետ֊ետ գնացի։

― Գործի մեջ մի մարդ է խառնված, ― շարունակեց մր․ Պեգգոտին, ― ո՞վ է նա։

― Մաստր Դեվի, ― ասաց Հեմը աղերսելով։ ― Մի րոպե այստեղից հեռացեք և թույլ տվեք, որ մի քանի խոսք ասեմ նրան։ Կարիք չկա, սըր, որ ասելիքս դուք լսեք։

Նորից մի հարված զգացի և աթոռի վրա ընկա։ Փորձեցի մի քանի բառ ասել, բայց լեզուս բռնվել էր, աչքերս մութ կոխել։

― Ուզում եմ անունն իմանալ, ― լսեցի ես նորից։

― Մի քանի ժամանակ առաջ, ― թոթովեց Հեմը, ― այստեղ մի սպասավոր էր քարշ գալիս։ Մի ջենտլմեն էլ եկել էր։ Երկուսն էլ իրար գիտեին։

Մր․ Պեգգոտին առաջվա պես անշարժ էր, միայն այժմ Հեմին էր նայում։

― Անցյալ գիշեր, ― շարունակեց Հեմը, ― այդ սպասավորին տեսել են մեր․․․ մեր խեղճ աղջկա հետ միասին։ Սպասավորը մի շաբաթ ի վեր թաքնված է եղել շրջակայքում։ Կարծում էի, թե գնացել է, բայց չէ․ թաքնված է եղել։ Մի՛ մնացեք այստեղ, մաստր Դեվի, մի՛ մնացեք։

Մր․ Պեգգոտին թևը վզիս փարելով ուզում էր հեռացնել ինձ․ բայց ես անզոր էի վեր կենալ, եթե անգամ ամբողջ տունը գլխիս վրա փուլ գալու լիներ։

― Այս առավոտ դեռ արևը ծագելուց առաջ, ― շարունակեց Հեմը, ― դրսում, Նորվիչի ճամփու վրա, մի անծանոթ կառք են տեսել ձիերով։ Սպասավորը մի քանի անգամ մոտեցել է կառքին ու ետ է եկել։ Վերջին անգամ գնալիս՝ Էմլին էլ հետն է եղել։ Կառքի մեջ մի ջենտլմեն էր նստած։ Քո հարցրած մարդն էլ հենց նա է։

― Տեր իմ աստված, ― գոչեց մր․ Պեգգոտին ու բազկատարած մի֊երկու քայլ ետ գնաց, ասես թե մի ահռելի բանից խույս տալով։ ― Չլինի թե այդ մարդու անունը Ստիրֆորթ է։

― Մաստր Դեվի, ― աղաղակեց Հեմը բեկ֊բեկ ձայնով, ― ձեր մեղքը չի․․․ Աստված չանի, որ ձեզ մեղադրեմ․․․ բայց նրա անունը Ստիրֆորթ է, և նա մի անզգամ արարած է։

Մր․ Պեգգոտին ո՛չ ձայն հանեց, ո՛չ արտասվեց, ո՛չ երերաց, այլ մի քանի ժամանակ անշարժ մնաց, և հետո ասես թե հանկարծ ուշքի գալով, անկյունում խփված մեխի վրայից արագ վերցրեց իր հաստ վերարկուն։

― Է՜յ, օգնեցեք, ― գոչեց նա անհամբեր։ ― Թևերս կաշկանդվել են, չեմ կարողանում հագնել։ Դե՛, շուտ արեք։

Մեկն օգնեց նրան վերարկուն հագնել։

― Այսպե՜ս։ Հիմի գլխարլս տվեք։

Հեմը հարցրեց նրան, թե ո՞ւր է գնում։

― Գնում եմ եղբորս աղջկան որոնելու։ Գնում եմ Էմլիիս գտնելու։ Բայց ուզում եմ ամենից առաջ այն նզոված նավը ջախջախել ու հենց այնտեղ ջրասույզ անել, ու հետն էլ այն սրիկային․ ա՜խ, եթե միայն օր առաջ իմանայի, թե ի՜նչ դև կար նրա սրտում։ Երբ նա իմ դեմ նստած էր, ― մոլեգնաբար գոչեց մր․ Պեգգոտին, սեղմած բռունցքը թափ տալով, ― երբ այն նավում նստած էր երես առ երես իմ դիմաց, շանթահար լինեմ, եթե նրան չընկղմեի, և արածս անշուշտ լավ բան կլիներ։ Գնամ գտնեմ եղբորս աղջկան։

― Ո՞ւր ես գնում, ― գոչեց Հեմը, նրա առաջը կտրելով։

― Ուր էլ լինի։ Գնում եմ եղբորս աղջկան որոնելու՝ թեկուզ աշխարհի մյուս ծայրումն էլ լինի։ Գնում եմ գտնելու և տուն բերելու իմ թշվառ Էմլիին։ Մի՛ բռնեք ինձ։ Չե՞ք լսում, ես գնում եմ Էմլիիս գտնելու։

― Ո՛չ, ո՛չ, ― կոծեց մրս․ Գըմիջը, երկուսի մեջտեղը կանգնելով։ ― Ո՛չ, Դանիել, դեռ մի շտապի՛ր։ Թող առաջ սիրտդ հանգստանա, հետո գնա փնտրելու, իմ սիրելի, իմ որբացած Դանիել։ Այժմ ես քեզ չեմ թողնի։ Եկ նստիր, և ներիր, որ այդքան քեզ զզվեցրել եմ իմ դատարկ գանգատներով․․․ Ի՞նչ են, Դանիել, իմ վշտերն այս ճշմարիտ աղետի առջև․․․ Եկեք հիշենք այն օրերը, երբ Էմլին որբացավ, Հեմն էլ որբացավ, երբ ես էլ՝ թշվառս, այրի դարձա, և դու բոլորիս հավաքեցիր, քեզ մոտ բերիր, թևարկեցիր։ Այս բոլորը որ հիշենք, սիրտդ փոքր֊ինչ կթեթևանա, սիրելի Դեն, ― ասաց պառավը, ձեռքը ձկնորսի ուսին դնելով, ― և ավելի հեշտ կդիմանաս ցավերիդ։ Չէ՞ որ գրված է․ «Որովհետև արարեք միում եղբարցս այսոցիկ փոքրկանց՝ ինր արարիք», և աստված քեզ իր օրհնությունից չի զրկի, ոչ էլ այս տունը, որ այսքա՜ն տարի մեր բոլորիս ապավենն էր։ Մի՛ հուսահատվի, մեր մարդասեր ու բարերար Դեն։

Այժմ մր․ Պեգգոտին հանդարտվել էր․ գոնե այդպես էր երևում։ Ես ուզում էի նրա ոտքերն ընկնել, հազար ու հազար ներուղություն խնդրել իմ պատճառով իրեն հասած վշտի համար և անիծել Ստիրֆորթին, բայց երբ նա հանկարծ երեխայի նման հեկեկաց, իմ սրտին մի ավելի ազնիվ զգացում տիրեց։ Անասելի հուզումից ես էլ նրա պես լաց եղա, և բարի ձկնորսի տնակը մեր ամենիս ողբով լցվեց։


ԺԲ․ գլուխ

Մի երկար ուղևորության սկիզբը


Իմ կարծիքով՝ ինչ որ իմ մեջ բնական է, շատերի համար էլ բնական է․ ուստի համարձակ կասեմ, թե երբեք այնպես ջերմ սիրով չէի սիրել Ստիրֆորթին, ինչպես որ մեզ միավորող սերտ կապերի կտրվելու ժամանակ։ Նրա վատ արարքի հայտնի դառնալու դառնակսկիծ րոպեին ես ավելի շատ նրա փայլուն կողմերն էի հիշում, ավելի շատ նրա լավ հատկությունները գնահատում, ավելի շատ նրա այն ձիրքերը հարգում, որոնց շնորհիվ նա կարող էր մի ազնիվ ու մեծանուն մարդ դառնալ, քան թե առաջ, երբ բոլորովին նվիրված էի նրան։ Սիրտս սաստիկ մորմոքվում էր, երբ մտածում էի, որ անգիտաբար մասնակցել եմ այն ոճրին, որով նա մի ազնիվ ու մաքուր տուն պղծեց, սակայն, եթե մեզ երես առ երես կանգնեցնեին, ես չէի կարողանա մի հանդիմանիչ խոսք ասել նրան։ Ես դարձյալ կսիրեի նրան, թեև նա արդեն դադարել էր ինձ դյութելուց․ դարձյալ անշեջ կպահեի իմ նախկին մտերմության գորովալից հիշատակը, գուցե և մի դյուրահաշտ երեխայի նման կթուլանայի նրա առջև, բայց չէի մտածի կրկին նրա հետ մտերմանալու մասին։ Այսպիսի բան մտքովս անգամ չէր անցնի։ Ինչպես ես, այնպես էլ նա, զգում էինք, որ մեր միջև ամեն ինչ վերջացած է, թեև բնավ չիմացա, թե ինչպե՞ս էր նրա հիշատակն իմ մասին․․․ երևի թե վաղանցուկ ու թեթև էր․ սակայն ես նրան միշտ հիշել եմ իմ սիրելի, բայց արդեն մեռած ընկերոջ պես։

Այո, Ստիրֆորթ, դու հեռացար այս տրտմագին պատմությանս ասպարեզից։ Գուցե ահեղ դատարանի աթոռի առջև իմ վիշտը մի ակամա վկայություն տա քո դեմ․ բայց բարկություն կամ կշտամբանք ― ո՛չ երբեք։

Պատահարի գույժն իսկույն քաղաքում տարածվել էր, այնպես որ առավոտյան փողոցներից անցնելիս լսում էի, որ մարդիկ, դռների առջև նստոտած, միայն դրա մասին են խոսում։ Մի քանիսը չարաչար մեղադրում էին աղջկան, մյուսները՝ տղային․ բայց աղջկա երկրորդ հոր ու նշանածի նկատմամբ բոլորի կարծիքը նույն էր։ Ամենքն էլ սրտանց ցավակցում էին նրանց վշտին։ Երբ առավոտյան վաղ այդ երկուսը ծանրաքայլ ման էին գալիս ծովափում, ձկնորսներն ակնածությամբ ճանապարհ էին տալիս նրանց և խումբ֊խումբ բաժանվելով կարեկցություն հայտնում իրար։

Ես նրանց հենց ծովեզրի մոտ հանդիպեցի։ Առանց Պեգգոտիի ասելու էլ հեշտ էր նկատել, որ նրանք ամբողջ գիշեր չեն քնել և մինչև լույս նստած են մնացել այն իսկ տեղում, ուր թողել էի նրանց կես֊գիշերին։ Երկուսն էլ հոգնած էին երևում, և մր․ Պեգգոտին այդ մի գիշերվա մեջ կարծես ավելի էր ծերացել, քան մեր ամբողջ ծանոթության տարիների ընթացքում։ Երկուսն էլ լուռ ու հանգիստ էին, այն ծովի նման, որ անծուփ տարածված էր մթագույն երկնքի տակ, միայն երբեմն բարձրանում էր մակընթացությունը, ասես քնի մեջ շունչ էր քաշում, մինչդեռ ծագող արեգակի արծաթափայլ լույսի շերտը արդեն շողում էր հորիզոնի վրա։

Երեքս միասին լուռ գնում֊գալիս էինք ծովի ափին։ Վերջապես մր․ Պեգգոտին ինձ ասաց․

― Ես ու Հեմը, սըր, արդեն բավական խոսեցինք, թե մեզ ի՞նչ պետք է անել և ի՞նչ չանել։ Այժմ գիտենք, ինչից պետք է սկսել։

Աչքս պատահմամբ Հեմի վրա ընկավ, որ այդ րոպեին ծովի հեռավոր ցոլքին էր նայում, և ես հանկարծ մի սոսկալի բան զգացի։ Նրա դեմքը զայրացած չէր և մի հաստատ ու խիստ կամքից բացի, ուրիշ ոչինչ չէր արտահայտում․ բայց և այնպես մի ներքին ձայն ինձ ասաց, թե նա Ստիրֆորթին կսպանի, ուր էլ նրան հանդիպի։

― Անելիքս որոշված է, սըր, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Ես գնում եմ փնտրելու իմ․․․ ― այստեղ նա կանգ առավ և հետո ամուր ձայնով վերջացրեց, ― գնում եմ նրան փնտրելու։ Այս է կյանքիս մշտական պարտքը։

Հարցրի նրան, թե ո՞րտեղ է ուզում որոնել․ նա գլուխը շարժեց ու հարցրեց, թե ե՞րբ եմ մտադրի Լոնդոն գնալ։ Պատասխանեցի, թե մտադիր էի հենց այն օրը գնալ, բայց մնացել եմ, մտածելով, թե գուցե կարողանամ որևէ բանով օգնել նրան։

― Սակայն, եթե ուզենաք, ― ավելացրի, ― պատրաստ եմ իսկույն գնալ։

― Ուրեմն ես էլ ձեզ հետ կգամ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Միայն թե վաղը։

Դարձյալ մի քանի ժամանակ առանց խոսելու ման եկանք։

― Հեմն առաջվա պես իր գործին կհետևի, ― սկսեց նորից մր․ Պեգգոտին, ― և կերթա քրոջս մոտ կապրի։ Իսկ այն հին նավատունը․․․

― Մի՞թե կթողնեք նավատունը, մր․ Պեգգոտի, ― հարցրի ես կամացուկ։

― Այսուհետև, մաստր Դեվի, այդ նավատունն իմ օթևանը չի լինի։ Դեռ ոչ մի նավ՝ այն օրից սկսած, երբ «խավար էր ի վերա անդնդոց», այդ նավի պես չէր խորտակվել։ Բայց ոչ, սըր, ո՛չ․ չեմ ուզում թողնել նրան։ Ամենևին։

Դարձյալ մի քիչ ման եկանք, և նա միտքը բացատրեց․

― Փափագս այս է, մաստր Դեվի, որ այդ նավը գիշեր֊ցերեկ, ամառ֊ձմեռ այնպես մնա, ինչպես որ առաջին օրից ճանաչել է նրան Էմլին։ Ես ուզում եմ, որ եթե մի օր այդ դժբախտը վերադառնա, հին տնակը նրա աչքին խորթ չթվա, նրան չմերժի, այլ իր մոտ քաշի։ Ո՞վ գիտե․ գուցե մի անձրևային, հողմաշունչ գիշեր այս կողմերում թափառելիս՝ նա պատուհանին մոտենա և կամացուկ ներս նայի և իր առաջվա անկյունը տեսնի վառարանի մոտ։ Այն ժամանակ, մաստր Դեվի, ո՞վ գիտի, նկատելով, որ մրս․ Գըմիջից բացի, ուրիշ մարդ չկա սենյակում, գուցե վստահանա դողդոջ քայլերով ներս մտնել, գնալ իր անկողնում պառկել և հոգնած գլուխը բարձին դնել, որի վրա մի ժամանակ այնպես անուշ քնում էր։

Չնայելով ջանքերիս, ոչ մի պատասխան չտվի․ հուզմունքից ես համրացել էի։

― Ամեն գիշեր, ― շարունակեց մր․ Պեգգոտին, ― հենց որ արևը մայր մտնի, ճրագը պատուհանի վրա կվառվի, և երբ էլ նա այս կողմը գա, ճրագը նրան ցույց կտա․ «Եկ, որդյակս, տուն դարձիր»։ Եվ եթե, Հեմ, դու մի գիշեր դրսի դռան չխկոցը լսես, մի թույլ չխկոց, ինքդ դուրս չգաս։ Թող տատիկը իմ կորած աղջկան ներս բերի․․․ և ոչ դու։

Մր․ Պեգգոտին մի քանի քայլ առաջ անցավ ու մենակ մնաց։ Այդ միջոցին ես նորից Հեմին նայեցի և, նկատելով, որ նա առաջվա պես շարունակում է հեռավոր լույսով փայլուն շերտին ակնապիշ նայել, թևից քաշեցի։ Նա չշարժվեց։

Երկու անգամ անունը տվի, կանչեցի, ասես թե քնած մարդու․ կարծես ոչինչ չլսեց։ Երբ վերջապես հարցրի, թե ի՞նչ բանի մասին է այդպես համառ մտածում, պատասխանեց․

― Այն բանի մասին, մաստր Դեվի, ինչ որ ահա առջևս է, ա՜յ դենը։

― Ուղում ես ասել ապագայի՞դ մասին։

Նա մտամոլոր դեպի ծովը մատնանշեց։

― Այո, մաստր Դեվի։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչի՞ց է, բայց կարծեմ վերջն այնտեղ կլինի․․․ ա՜յ, այնտեղ։

― Այդ ասելիս նա կարծես սթափվեց, սակայն դեմքը դարձյալ նույն վճռական արտահայտությունն ուներ։

― Ո՞ր բանի վերջը, ― հարցրի ես, նորից սոսկում զգալով։

― Չգիտեմ, ― ասաց նա մտախոհ։ ― Հիշեցի, որ ամեն բան այնտեղ է սկսվել․․․ այնտեղ էլ կվերջանա։ Բայց սա մի ցնորք էր․ անցավ գնաց, մաստր Դեվի, ― հարեց նա, և երևի աչքերիս մեջ տագնապի նշան տեսնելով ասաց․ ― Մի վախեցեք․ մտքերս փոքր֊ինչ խառնված են․ ինքս էլ չգիտեմ՝ ինչ եմ ասում։ Միամիտ կացեք, բան չկա։

Մր․ Պեգգոտին կանգ առավ, սպասելով, որ իրեն հասնենք։ Հասանք և էլ ոչ մի բառ չփոխանակեցինք իրար հետ։ Բայց առաջին երկյուղիս հիշատակը շարունակում էր հալածել ինձ, մինչև որ անողոք վերջը վրա հասավ։

Հանդարտ մոտեցանք հին տնակին ու ներս մտանք։ Մրս․ Գըմիջը՝ փոխանակ առաջվա պես իր քնջում փնթփնթալու, ժիր զբաղված էր նախաճաշիկ պատրաստելով։ Նա մր․ Պեգգոտիի գլխարկը ձեռքից առավ, աթոռ տվեց և սկսեց այնպես հանգիստ ու սիրով խոսել, որ էլ անկարելի էր ճանաչել նրան։

― Դանիել, իմ քաջ տղաս, ― ասաց նա, ― այժմ քեզ պետք է կուշտ ուտել ու խմել, որ ուժ հավաքես, եթե ոչ՝ ձռքիցդ ոչինչ չի գա։ Կե՛ր, սիրելիս, և եթե իմ կռկռոցը (ուզում էր ասել շատ խոսելը) քեզ դուր չի գա, ասա, իսկույն ձայնս կկտրեմ։

Մրս․ Գըմիջը բոլորիս կերակուրը սեղանի վրա դնելուց հետո՝ գնաց նստեց պատուհանի մոտ ու սկսեց մր․ Պեգգոտիի շապիկներից մի քանիսը կարկատել։ Այս գործն էլ ավարտելուց հետո՝ փոխնորդները տեղավորեց մոմաշորից շինված պայուսակի մեջ, որ նավաստիները սովոր են կրել։

― Ամեն ժամանակ, ամառ֊ձմեռ ես պիտի այստեղ լինեմ, Դանիել, ― ասաց մրս․ Գըմիջը, ― և ամեն բան ճիշտ ուզածիդ պես պիտի անեմ։ Գրել֊կարդալ շատ չգիտեմ, բայց էլի երբեմն քեզ կգրեմ, երբ հեռու լինես։ Նամակներս մաստր Դեվին կհանձնի քեզ։ Գուցե դու էլ, Դանիել, մեկ֊մեկ գրես ու պատմես, թե ի՞նչ ես զգում ոլոր֊մոլոր թափառումներիդ միջոցին։

― Բայց դու այստեղ մեն֊մենակ չե՞ս տխրի, ― հարցրեց մր․ Պեգգոտին։

― Ո՛չ, ո՛չ, Դանիել, ― պատասխանեց մրս․ Գըմիջը։ ― Անհոգ եղիր այդ մասին։ Տխրելու ժամանակ չեմ ունենա։ Չէ՞ որ պետք է տունը պահեմ, որ երբ ետ գաս, ամեն բան կարգին գտնես։ Գուցե մեկ ուրիշն էլ գա, ո՞վ գիտե։ Քեզ կամ ուրիշին սպասելով, ես դռան առջև կնստեմ, ինչպես միշտ։ Եթե մեկը գալու լինի, արդեն հեռվից կտեսնի, որ պառավը ձեզ հավատարիմ է, հավատարիմ էլ կմնա։

Որքան փոփոխություն մրս․ Գըմիջի մեջ։ Մեկ գիշերվա ընթացքում նա մի ուրիշ կին էր դարձել։ Այժմ այնպե՜ս անձնվեր էր, այնպե՜ս շուտ էր ըմբռնում, թե ի՞նչ բան պետք է ասել և ի՞նչ բան չասած թողնել․ այն աստիճան իր անձը մոռանում էր, այն աստիճան ուրիշների ցավին վշտակցում, որ ես սկսեցի նրան սրտանց հարգել։ Եվ որքան բան գլուխ բերեց այն օրը։ Պետք էր ծովափից ամբար տեղափոխել թիեր, ցանցեր, առագաստներ, պարաններ, ձողեր, կայմեր, խեցգետին պահելու տաշտեր, ավազի տոպրակներ և ուրիշ այսպիսի առարկաներ․ և թեպետ օգնող ձեռքեր չէին պակասում և ծովեզրի վրա ձկնորս չկար, որ չուզենար սիրով աշխատել մր․ Պեգգոտիին հաճելի լինելու համար, բայց և այնպես մրս․ Գըմիջը մինչև երեկո շարունակում էր իր ուժից վեր բեռներ կրել և դեսուդեն վազել, հազար տեսակ ավելորդ բաներ հոգալով։ Ո՞ւր կորան նրա տրտունջներն իր բախտից․ նա կարծես մոռացել էր, թե երբևէ որևէ վիշտ է ունեցել։ Եվ չնայած իր վշտին, նա ամբողջ օրը զվարթ մնաց, մի բան, որ ամենից ավելի զարմանալի էր նրա կրած փոփոխության մեջ։ Առաջվա դժգոհության ու փնթփնթոցի հետքն անգամ չէր մնացել։ Առավոտից մինչև երեկո ես չնկատեցի, որ գեթ մի անգամ նրա ձայնը դողար և կամ աչքից գոնե մի կաթիլ արտասուք ընկներ․ միայն գիշերվա դեմ, երբ նա, ես ու մր․ Պեգգոտին մենակ մնացինք, և ծերունին շատ հոգնելուց քնեց, պառավն սկսեց արտասվել, մեղմիկ ձայնով հեկեկալ և դեպի դուռը տանելով ինձ, ասաց․ «Աստված օրհնե ձեզ, մաստր Դեվի։ Կարեկից եք այդ խեղճ մարդուն»։ Հետո իսկույն դուրս վազեց և երեսը լվաց․ այնուհետև մի ձեռագործ վերցնելով՝ եկավ նստեց մր․ Պեգգոտիի աթոռի մոտ, որպեսզի երբ նա զարթներ, հանգիստ աշխատելիս տեսնի իրեն։ Կարճ ասաց մրս․ Գըմիջին բարի գիշեր մաղթելուց հետո՝ ես այն համոզումով հեռացա, որ նա վշտաչարչար ձկնորսի գավազանն ու նեցուկն է։ Ինչպիսի՜ դաս մարդկային սիրտն ուսումնասիրող հոգեբանի համար։ Այո՛, այդ օրը ես շատ բան սովորեցի նրանից։

Արդեն ժամը իննուկեսն էր, երբ քաղաքի միջով մտամոլոր անցնելիս՝ մր․ Օմրի դռան առջև կանգ առա։ Նրա աղջկա ասելով՝ ցավալի դեպքն այնպես էր ազդել ծերունու վրա, որ նա ամբողջ օրը տրտմել էր և մինչև անգամ չիբուխը չքաշած՝ անկողին մտել։

― Այ խորամանկ, չար աղջիկ, ― ասաց մրս․ Ջորեմը։ ― Նա միշտ անպիտան էր, անպիտան։

― Ինչո՞ւ եք այդպես ասում, ― նկատեցի ես։ ― Դուք հո այդպես չե՞ք մտածում։

― Ո՛չ, ո՛չ, ճիշտ այդպես եմ մտածում, ― գոչեց մրս․ Ջորեմը զայրույթով։

― Անկարելի է։ Չե՛մ հավատում, ― ասացի ես։

Մրս Ջորեմը թոթովեց, ջանալով դաժան ու խիստ ձևանալ, սակայն չկարողացավ քնքուշ սրտի հուզումը հաղթել ու լաց եղավ։ Ես դեռ իրոք ջահել էի, բայց նրա գթասրտությունը տեսնելով, լավ կարծիք կազմեցի նրա մասին և ասացի ինքս ինձ, թե իրավ շատ պատշաճ է առաքինի կնոջն ու բարի մորը մի այդպիսի զգացում ունենալ։

― Ի՞նչ կդառնա այժմ նա, ― հեկեկաց Միննին։ ― Ո՞ւր կերթա, ի՞նչ կանի։ Օ՜հ, ինչպես անգութ վարվեցի թե իր հետ, թե նրա հետ։

Ես հիշեցի այն ժամանակը, երբ Միննին մի նորատի սիրուն աղջիկ էր, և գոհ եղա, որ ինքն էլ այժմ միևնույն գորովանքով մտաբերեց։

― Փոքրիկ Միննիս, ― ասաց մրս․ Ջորեմը, ― դեռ նոր գնաց պառկելու։ Քնելիս անգամ լաց էր լինում, Էմլիին հիշելով։ Ամբողջ օրն արտասվելով հարցնում էր՝ մի՞թե Էմլին չար աղջիկ է։ Ի՞նչ ասեի, քանի որ Էմլին դեռ անցած իրիկուն մի ժապավեն էր ընծայել նրան իր վզից և մինչև նրա քնելը սպասել էր, գլուխը նրա բարձին դրած։ Դեռ այս րոպեիս էլ ժապավենը Միննիս վզին է։ Պետք էր հանել, բայց ինչպե՞ս հանեի։ Դիցուկ Էմլին վատ աղջիկ է․ բայց որ նրանք այնքան իրար սիրում են։ Երեխան էլ դեռ ոչինչ չգիտի։

Մրս․ Ջորեմն այն աստիճան այլայլված էր, որ նրա ամուսինը հարկ համարեց սփոփել նրան։ Ես թողի նրանց ու Պեգգոտիի մոտ գնացի՝ ավելի տխուր, քան թե առաջ։

Այդ բարեսիրտ էակը, ուզում եմ ասել Պեգգոտին, չնայած իր հոգնության, նոր վշտերին, այնքա՜ն անքուն գիշերներին, իր եղբոր մոտ էր գնացել՝ մինչև առավոտ հսկելու համար։ Այժմ նրա տանը բացի ինձնից, մի պառավ աղախին կար, որ երկու֊երեք շաբաթ ի վեր կանչվել էր տնտեսությունը վարելու համար, քանի որ Պեգգոտին սաստիկ զբաղված լինելով, չէր կարող ամեն բան անձամբ հոգալ։ Ես ասացի պառավին, որ գնա քնի․ նա էլ կարծես հրամանիս էր սպասում։ Երբ նա հեռացավ, ես նստեցի խոհանոցի կրակի առջև, որպեսզի այս բոլոր դեպքերի մասին մի քիչ մտածեմ։

Մինչ մտքերս Բարկիսի մահվան շուրջն էին պտտում և ծովի այն կետի վրա թափառում, ուր Հեմը մի այնպիսի խորհրդավոր հայացք էր նետել, հանկարծ դրսի դռան թեթև թակոցն ինձ սթափեցրեց։ Սակայն լսածս դռան հնչակի ձայնը չէր, այլ մի ձեռքի փափուկ բախյուն, ասես թե եկվորը մի մանուկ լիներ, որ ձեռքը չէր հասնում հնչակին։

Ցնցվելով, վազեցի դուռը բանալու, ինչպես մի մեծատուն մարդու սպասավորի առջև։ Դուռը բացեցի և զարմանքով մի ահագին հովանոց տեսա, որ կարծես թե ինքն իրեն էր շարժում, սակայն փոքր֊ինչ հետո նրա տակից միս Մաուչրը դուրս եկավ։

Գուցե ես բարի գալուստ չմաղթեի այդ գաճաճին, եթե նրա երեսի վրա, ― երբ իր հովանոցը հազիվ ծալեց, այն էլ միայն իմ օգնությամբ, ― այն «թեթևամիտ» արտահայտությունը նկատեի, որ այնքան վրաս ազդել էր մեր առաջին տեսկացության ժամանակ։ Բայց դեպի վեր ուղղված երեսն այս անգամ այնքան լուրջ էր, և երբ ես նրան հովանոցից ազատեցի, նա իր փոքրիկ թաթիկները մի այնպիսի վշտով ինձ մեկնեց, որ ես ակամա հուզվեցի։

― Միս Մաո՜ւչր, ― ասացի ես, նայելով դատարկ փողոցը, ուր ինքս էլ չգիտեի, թե ի՞նչ եմ ուզում նշմարել, ― ինչպե՞ս եք այստեղ եկել։ Ի՞նչ եք ուզում։

Նա աջ թաթիկով նշան արեց, որ հովանոցը վերցնեմ, և արագ առաջ անցնելով, խոհանոց մտավ։ Երբ ես դուռը փակեցի ու հովանոցը ձեռքիս բռնած ներս մտա, գաճաճն արդեն նստած էր վառարանի ստորոտի վրա, ուր դրվում էին ափսեներն ու բաժակները, և մի ցավագար մարդու նման ետ ու առաջ ճոճվելով, ծնկներն էր շփում։

Մի այսպիսի անկոչ հյուր, գիշերվա ժամին ուրիշի տանը մեն֊մենակ ընդունելուց և հյուրի տարօրինակ շարժումներից շփոթված, կրկին գոչեցի․

― Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել, միս Մաուչր։ Հիվանդ հո չե՞ք։

― Ա՜խ, որդյակ, ― ասաց միս Մաուչրը, ձեռքերը կրծքին սեղմելով։ ― Ահա ցավս այստեղ է, հենց այստեղ։ Օ՜հ, սիրտս կեղեքվում է, երբ մտածում եմ, որ ես կարող էի այդ չար դեպքը գուշակել և գուցե առաջն առնել, եթե այսպես հիմար, այպես ապուշ չլինեի։

Եվ նրա ահագին գլխարկը, որ այնքան անհամաչափ էր իր դեմքին, դարձյալ սկսեց փոքրիկ մարմնի հետ այս ու այն կողմ տատանվել, հսկայական ստվեր գցելով պատի վրա։

― Զարմացած եմ, ― ասացի ես, ― այդպես լուրջ ու վշտահար տեսնելով ձեզ․․․ ― Բայց նա իսկույն խոսքս կտրեց։

― Այո, այդպես է, ― գոչեց նա։ ― Մի՞թե կարող են չինարի պես սիրուն աճած, անհոգ, անվիշտ պատանիները չզարմանալ՝ ինձ նման մի թզուկի մեջ բնական զգացում տեսնելիս։ Դուք սովոր եք տիկնիկ համարել ինձ, հետս խաղալ, ձանձրանալուց հետո դեն ձգել և ապա զարմանալ, որ ես ավելի զգայուն եմ, քան փայտե ձին կամ կապարե զինվորը։ Այո, սըր, աշխարհիս բանը միշտ այդպես է։

― Գուցե ուրիշներն այդպես անեն, բայց ոչ ես, միս Մաուչր։ Թերևս ինձ անվայել էր զարմանք հայտնել ձեր սրտի հուզման վրա, ես ձեզ քիչ եմ ճանաչում։ Բայց հավատացեք՝ խոսքերս ծուռ միտք չունեն։

― Ուրեմն ի՞նչ կհրամայեք, որ անեմ, ― պատասխանեց փոքրիկ կինը, վերկենալով ու ձեռքերը պարզելով՝ իր փոքրությունը ցույց տալու համար։ ― Տեսեք, հայրս էլ ճիշտ այդպես էր, եղբայրս էլ այդպես է, քույրս էլ այդպես։ Այսքան տարի աշխատել եմ եղբորս ու քրոջս համար․․․ չարաչար աշխատել եմ, մր․ Կոպպերֆիլդ․․․ և ամեն օր։ Ի՞նչ արած, աշխարհ եմ եկել և պիտի ապրեմ։ Բայց ոչ ոքի վնաս չեմ տվել ու չեմ էլ տալիս։ Իսկ եթե անմիտ և կամ թե անսիրտ մարդիկ մի խաղալիք են դարձրել ինձ, ինչ կմնա ինձ անել, եթե ոչ այն , որ ես էլ ծաղրեմ թե ինձ, թե նրանց, թե ամեն բան։ Ասացեք, ո՞վ է այստեղ հանցավորը։ Մի՞թե ես։

Ոչ։ Պարզ էր, որ հանցավորը միս Մաուչրը չէ։

― Եթե ես մի զգայուն գաճաճ երևայի ձեր խարդախ բարեկամին, ― շարունակեց փոքրիկ կինը, վրաս մի հանդիմանիչ ակնարկ գցելով, ― ի՞նչ եք կարծում, ի՞նչ օգնություն կամ թե շնորհ ցույց կտար ինձ։ Եթե թզուկ Մաուչրը կարիքից ստիպված, նրան կամ մի ոըիշ նրա նման ջենտլմենի դիմեր, կարծում եք թե իր թույլ ձայնը մի որևէ ունկնդրություն կգտնե՞ր։ Ինչպես չէ։ Թող Մաուչրը թզուկների հետինը լինի և ամենից թշվառը․ նա չպիտի ապրի։ Ո՛չ։ Թող նա տանջվի, չարչարվի, մի կտոր հաց մուրալով, մինչև որ սովից հոգին փչի։

Միս Մաուչրը նորից նստեց վառարանի պատվանդանի վրա ու թաշկինակը հանելով, աչքերը սրբեց։

― Եթե ձեր սիրտը բարի է և վստահ եմ, որ բարի է, ― ասաց նա, ― լավ է զարմանք, որ ես այս թշվառությանը դիմանում եմ և դեռ կարող եմ զվարթ ձևանալ։ Համենայն դեպս, ես գոհ եմ, որ կարող եմ գոնե մի չնչին ապրուստ ճարել և ոչ ոքի պարտական չլինել, որ կարող եմ խենթ ու խելառ հանաքներով զվարճացնել սնապարծ հիմարներին այն փշրանքի փոխարեն, որ շպրտում են ինձ սեղանից։ Գոհ եմ, որ գլխիս վայ չեմ տալիս, և կարծեմ ոչ մի մարդու չեմ վնասում դրանով։ Իսկ եթե դուք՝ հսկաներդ մի խաղալիք եք համարում ինձ, գոնե շնորհ արեք փոքր֊ինչ սիրով վարվել ինձ հետ։

Միս Մաուչրը թաշկինակը գրպանը դրեց ու խեթ֊խեթ վրաս նայելով, շարունակեց․

― Ես նոր տեսա ձեզ փողոցում։ Հասկանալի է, որ իմ ոտիկներովս ու կարճ շնչովս չէի կարող ձեր հետևից հասնել, բայց նկատելով, թե ուր մտաք, ես էլ մտա։ Արդեն մի անգամ այսօր եկել էի, բայց բարի կինը տանը չէր։

― Մի՞թե ճանաչում եք նրան։

― Շատ եմ լսել նրա մասին Օմրից ու Ջերոմից։ Առավոտյան ժամը յոթին նրանց մոտ էի։ Հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց ինձ Ստիրֆորթն այն դժբախտ աղջկա մասին, երբ ես ձեզ հանդիպեցի պանդոկում։

Միս Մաուչրի ահագին գլխարկն ու գլխարկի էլ ավելի ահագին ստվերը պատի վրա նորից սկսեցին տատանվել, երբ նա այդ հարցումն արեց։

Շատ լավ էի մտաբերում Ստիրֆորթի այն օրվա խոսքերը․ ինքս էլ շատ անգամ մտածել էի նրանց մասին դեռ մի քանի ժամ առաջ։ Այդպես էլ ասացի միս Մաուչրին։

― Անիծվի նա, ― գոչեց փոքրիկ արարածը, իր ցուցամատը հրացայտ աչքերին մոտեցնելով։ Եվ հազար անեծք մանավանդ նրա անզգամ ծառայի գլխին։ Բայց ես կարծում էի, թե դուք եք այն աղջկան սիրել դեռ մանուկ հասակից։

― Ե՞ս։

― Ա՛յ, մանո՜ւկ, մանո՜ւկ, ― աղաղակեց միս Մաուչրը ձեռքերն անհամբեր տրորելով ու նստած տեղում երերալով։ ― Ինչո՞ւ էիք աղջկան այդքա՜ն գովում, և՛ կարմրում, և՛ շփոթվում։

Չէի կարող ուրանալ, որ նրա ասածը ճշմարիտ է, թեև նա բոլորովին թյուր էր մեկնում թե գովելուս, թե շփոթվելուս պատճառը։

― Ես ինչպե՞ս հասկանայի այդ բոլորը, ― ասաց միս Մաուչրը, թաշկինակը նորից հանելով և աչքերը սրբելիս հոգոց հանեց։ ― Տեսնում էի․ նա ձեզ հա՛մ տանջում էր, հա՛մ շոյում, և դուք նրա ձեռքում մոմի նման մի բան էիք, այդ էլ լավ տեսնում էի։ Հենց որ սենյակից դուրս ելա, նրա սպասավորն ինձ ասաց, թե «անմեղ գառնուկը» (ձեզ էր գառնուկ անվանում․ դուք էլ միշտ կարող եք նրան սրիկա անվանել) գժի պես սիրահարված է աղջկան, աղջիկն էլ «զարնված է» գառնուկին, բայց թե իր տերը չկամենալով, որ այդ բանից մի հիմար հետևանք առաջանա, հատուկ Յարմաութ է եկել, որ ձեզ վտանգից ազատի։ Ինչպե՞ս չհավատայի այդ բանին։ Տեսնում էի, որ ձեզ դուր էր գալիս, երբ Ստիրֆորթը, ձեզ գգվելով՝ այն աղջկան գովում էր։ Դուք էիք, որ առաջինը աղջկա անունը հիշեցիք և ասացիք, թե վաղուց արդեն հիացած եք նրա վրա։ Դուք էիք, որ երբ ես էլ նրա մասին բան ասացի, սկսեցիք կարմրել ու սփրթնել, սառչել ու տաքանալ։ Մի՞թե կարող էի կարծել, թե դուք մի ցոփ տղա եք, բայց դեռ անփորձ, որին սակայն արդեն փորձված ընկերը դեպի բարին կառաջնորդի։ Օ՜հ, օ՜հ, օ՜հ։ Նրանք վախեցան, թե ես բանի էությունը կհասկանամ, ― գոչեց միս Մաուչրը, պատվանդանից վերկենալով և հուսահատ ետ ու առաջ վազվզելով խոհանոցում, ― որովհետև ես չարաճճի էակ եմ․․․ և փառավոր կերպով խաբեցին ինձ։ Նրանք ինձ մի նամակ տվին այն թշվառ աղջկան հասցնելու, և ես տարա, և այժմ, օհ, աստված իմ, պարզ տեսնում եմ, որ այդ նամակից սկսվեց աղջկա առաջին խոսակցությունը Լիտտիմերի հետ, որին հատուկ դրա համար էր այստեղ թողել Ստիրֆորթը։

Այս բոլոր նենգությունների մերկացումը լսելով, ես շվարած մնացի, մինչ միս Մաուչրը շնչասպառ ման էր գալիս խոհանոցում․ վերջապես նա դարձյալ պատվանդանի վրա նստեց, թաշկինակով աչքերը սրբեց և երկար ժամանակ լուռ մնաց։

― Թափառումներիս միջոցին, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց նա հետո, ― մի երկու օր առաջ Նորուիչ էի գնացել։ Այնտեղ լսեցի, թե պարոնը ու սպասավորը մի քանի անգամ թաքուն եկել գնացել են առանց ձեզ, և այդ հանգամանքը կասկած առաջացրեց իմ մեջ։ Երեկ երեկոյան Նորուիչից Լոնդոն եկող կառքը նստեցի և այս առավոտ Յարմաութ հասա, բայց օ՜հ, օ՜հ, օ՜հ, արդեն ուշ էր։

Խեղճ թզուկը, այս բոլոր տագնապալի հուզումից սարսուռ զգալով, դեպի կրակը շուռ եկավ իր խոնավ ոտիկնրը չորացնելու համար և մի մեծ տիկնիկի պես անշարժ մնաց, անքթիթ նայելով կրակին։ Ես նստած էի վառարանի մյուս կողմից աթոռի վրա՝ նույնպես դառը մտքերով տարված և մերթ կրակին, մերթ հյուրիս էի նայում։

― Արդեն գնալու ժամանակն է, ― ասաց նա ու վերկացավ։ ― Դուք հո ինձ չե՞ք կասկածում։

Նրա սուր հայացքից ու կարճ հարցումից շփոթվելով, ես միայն մի անվստահ «ոչ» ասացի։

Նա դարձյալ մի խորաթափանց ակնարկ նետեց աչքերիս ու իր թաթիկն ինձ մեկնելով, որ օգնեմ իրեն վերկենալու ասաց․

― Գիտեմ, դուք ինձ չէիք կասկածի, եթե ես սովորական հասակի կին լինեի։

Այդ խոսքերի մեջ շատ ճշմարտություն կար, և ես ինքս ինձնից ամաչեցի։

― Դեռ ջահել եք, սըր, ― ասաց նա։ ― Ականջ դրեք խորհրդիս, երեք ոտնաչափ չնչին թզուկիս խորհրդին։ Սիրելիս, մարդուս մարմնի թերությունները հոգեկան թերությունների հետ մի շփոթեք, մինչև որ մի զորավոր հիմք չունենաք։

Կասկածներս փարատվեցին։ Ես ասացի միս Մաուչրին, թե հավատում եմ իր զգացումների անկեղծությանը, և թե երկուսս էլ անմեղ ու կույր գործիք ենք եղել խորամանկ ու չար մարդկանց ձեռքում։ Նա շնորհակալություն հայտնեց և ասաց, թե ես լավ տղա եմ։

― Էլի մի խոսք, ― ասաց նա։ ― Ականջիս հասած զրույցներին նայելով․․․ գիտեք որ լսողությունս շատ սուր է․․․ հիմք ունեմ ենթադրելու, որ օտար երկիր են գնացել նրանք։ Սակայն երբ էլ վերադառնան, կամ երբ էլ նրանցից մեկն իմ կենդանության ժամանակ վերադառնա, ես ամենից առաջ կիմանամ, որովհետև շրջմոլիկ եմ։ Եվ ինչ էլ իմանամ, ձեզ կհայտնեմ։ Եվ ինչ էլ իմ ձեռքից գա այդ հրապուրված թշվառ աղջկան օգնելու համար, աստծով կանեմ։ Իսկ Լիտտիմերին գալով, որսի շունը նրան այնպես չի հալածի, ինչպես որ կհալածի փոքրիկ միս Մաուչրը։

Տեսնելով միս Մաուչրի ազդեցիկ հայացքը, որով այդ խոսքերին ուժ էր տալիս, ես նրա ասածին լիովին հավատացի։

― Գոնե այնքան հավատացեք ինձ, ինչքան որ կհավատայիք մի սովորական հասակով կնոջ, ոչ ավելի, ոչ պակաս, ― ասաց փոքրիկ էակը, աղաչանքով ձեռքիս դիպչելով։ ― Եթե մի օր կրկին ինձ այնպես տեսնեք, ինչպես որ պանդոկումն էր, և ոչ թե այսօրվա պես, ուշք դարձրեք, թե ի՞նչ ընկերության մեջ կլինեմ։ Հիշեցեք, որ ես մի թշվառ, անօգնական արարած եմ։ Թռեք մտքով միս Մաուչրի տնակը, ուր նա գալիս է իր օրվա գործը պրծնելուց հետո, և տեսեք նրան իր նման փոքր քույրիկի ու իր նման փոքրիկ եղբոր շրջանում։ Այն ժամանակ գուցե փոքր֊ինչ ավելի արդար լինեք դեպի ինձ ու չզարմանաք, որ ես էլ ընդունակ եմ լուրջ լինելու և տրտմելու։ Բարի գիշեր։

Այն կարծիքը, որ այժմ ունեի միս Մաուչրի մասին նրա թաթիկը սեղմելիս, է՛լ նման չէր առաջվանին։ Ես օգնեցի նրան դուրս գնալ։ Հեշտ բան չէր այնպես բանալ նրա ահագին հովանոցն ու նրա ձեռքի մեջ հաստատել, որ հավասարակշիռ դիրք ունենա․ սակայն այդ ինձ հաջողվեց և երերալով, հովանոցը բռնած, նա առաջ գնաց անձրևահար։ Ոչ ոք չէր նկատի, թե հովանոցի տակ մարդ կա, եթե ջրհորդաններից թափվող ջուրը մեկ այս կողմ ու մեկ այն կողմ չթեքեր նրան։ Այն ժամանակ էր միայն նշմարվում հովանոցի հետ մաքառելով առաջ գնացող միս Մաուչրը։ Ես մի երկու անգամ դուրս վազեցի նրան օգնելու, բայց հովանոցը փոքր֊ինչ հեռանալուն պես՝ նորից սկսում էր գիշատիչ թռչնի նման ոստոստել։ Բոլոր ջանքերս զուր եղան, և ես ետ գալով անկողին մտա ու մինչև առավոտ քնեցի։

Առավոտյան մր․ Պեգգոտին ու պառավ դայակս ինձ մոտ եկան, և մենք դիլիժանսների կայարան գնացինք, ուր մրս․ Գըմիջն ու Հեմը սպասում էին՝ բարի ճանապարհ մաղթելու մեզ։

― Մաստր Դեվի, ― շշնջաց Հեմը, ինձ մի կողմ քաշելով, մինչև մր․ Պեգգոտին իր պայուսակն էր տեղավորում հակերի մեջ, ― դրա կյանքն արդեն կորած է։ Չի իմանում ո՞ւր է գնում և ի՞նչ է գալու իր գլխին։ Այժմ մի այնպիսի ճամփա է ընկնում, որը ոլոր֊մոլոր ձգվելով՝ կարող է մինչև նրա կյանքի վերջը շարունակվել․․․ Հավատացեք, մինչև որ նա իր փնտրածը գտնի։ Հավատացած եմ, մաստր Դեվի, որ դուք նրա հավատարիմ բարեկամը կմնաք

― Միամիտ եղեք այդ մասին, Հեմ, ― ասացի ես, նրա աջը սրտանց սեղմելով։

― Շնորհակալ եմ ձեզնից, շատ շնորհակալ։ Բայց էլի մի բան։ Այժմ ես լավ աշխատանքի մեջ եմ, մաստր Դեվի, և չգիտեմ վաստակծս ինչպե՞ս ծախսեմ։ Այժմ ինձ միայն ապրուստի փող է հարկավոր, մնացածը ավելորդ է։ Եթե դուք, սըր, բարի լինեք առնել ինձնից այս ավելրոդն ու նրա համար գործադրել, ես ավելի սիրով կաշխատեմ։ Բայց չկարծեք, սըր, թե հակառակ դեպքում ծուլության կտամ ինքս ինձ։ Ո՛չ։ Ես ամեն ժամանակ կաշխատեմ, ինչպես որ պետք է մի տղամարդու աշխատել, և ձեռքիցս եկածը կանեմ։

Ասացի նրան, թե լիովին համոզված եմ այդ մասին, և ակնարկեցի, թե անշուշտ կգա մի օր, երբ նա այլևս մենավոր կյանք չի վարի, որին այժմ բնականաբար դատապարտված է համարում իրեն։

― Ոչ, սըր, ― ասաց Հեմը, գլուխը շարժելով։ ― Այդպիսի օր էլ չի գա ինձ համար․ արդեն անցավ։ Էլ ո՛չ ոք դատարկված տեղը չի բռնի։ Բայց աղաչում եմ փողի բանը չմոռանաք․ ես միշտ պատրաստ կունենամ։

Խոստացա չմոռանալ, թեև ավելացրի, թե մր․ Պեգգոտին իր քեռայրից մի չափավոր ժառանգություն ստանալով, հազիվ թե դրամի կարիք ունենա։ Այնուհետև հրաժեշտ տվինք իրար։ Ես չեմ կարող, նույնիսկ այստեղ, բաժանվել նրանից առանց նրա համեստ վճռականությունն ու մեծ վիշտը կարեկցությամբ հիշելու։

Իսկ գալով մրս․ Գըմիջին, բավական դժվար գործ կլիներ, եթե փորձեի նկարագրել, թե ինչպես նա, իր արտասուքը զուր զսպելով, դիլիժանսի կողքից վազում էր՝ առանց ուրիշ բան տեսնելու, բացի վերևում նստած մր․ Պեգգոտիից, և շարունակ բախվում էր իրեն հանդիպող մարդկանց հետ։ Ուստի, լավ է թողնեմ նրան մի հացագործի դռան առջև, ուր շնչասպառ նստեց իր գլխարկով, որի նախկին ձևից էլ ոչ մի հետք չէր մնացել, և ոտքից թռած մի մուճակով, որ ընկել էր մայթի վրա բավական հեռու։

Լոնդոն որ հասանք, մեր առաջին գործը եղավ Պեգգոտիի համար մի փոքրիկ սենյակ վարձել, որ իր եղբայրն էլ մի ջոկ անկյուն ունենար։ Եվ այդպիսի սենյակ, մաքուր ու էժան, շուտով գտանք մի նպարավաճառ մարդու տան վերնահարկում, որ իմ բնակարանից հեռու չէր։ Սենյակը վարձելուց հետո ես մի քանի սառն ուտելիք գնեցի և ուղեկիցներիս ինձ մոտ թեյի հրավիրեցի։ Ցավում եմ, որ հրավերս մրս․ Կրոպպին շատ դուր չեկավ։ Նրա տրամադրությունը բացատրելու համար պիտի ասեմ, որ նա դժգոհ էր հատկապես Պեգգոտիից, որ գրեթե ներս մտնելուն պես, իր սև զգեստի փեշերը հավաքելով արդեն սկսել էր ննջարանիս փոշին մաքրել։ Մրս․ Կրոպպի ասելով՝ այդ վարմունքը ազատության նշան էր, իսկ ազատություն ասած բանին նա հանդուրժել չէր կարող։

Դեռ Լոնդոն չհասած մր․ Պեգգոտին մի բան էր հաղորդել ինձ, որ անսպասելի չէր ինձ համար․ նա ուզում էր նախ և առաջ մրս․ Ստիրֆորթին տեսնել։ Ես պարտք համարեցի իբրև միջնորդ օգնել նրան այս գործում և կամենալով ըստ կարելվույն տիկնոջ մայրական զգացումը խնայել, հենց նույն երեկո մի զգույշ նամակ գրեցի նրան։ Բացատրեցի նրան, հնար եղածին չափ մեղմ լեզվով, թե ի՞նչ զրկանք է հասել ձկնորսին, և թե ինքս էլ ո՞ր չափով եմ մասնակից եղել անիրավ գործին։ Գրեցի թե նա մի հասարակ մարդ է, բայց ուղղամիտ և ազնիվ, և թե հուսով եմ, որ տիկինը չի զլանա իր մոտ ընդունել այդ բազմավիշտ այցելուին։ Վերջապես հայտնում էի, թե գալու ենք նրա մոտ ցերեկվա ժամը երկուսին։ Այս տոմսակն ուղարկեցի առավոտյան փոստով։

Որոշված ժամին կանգնած էինք դռան մոտ․․․ այն տան առջև, ուր ես դեռ մի քանի օր առաջ այն աստիճան երջանիկ էի։ Այդ տունն այժմ հավիտյան ինձ համար փակված էր, մի ամայի անապատ էր, ավերակ։

Լիտտիմերը չէր երևում։ Մեզ ընդունեց ու ներս տարավ մի նորատի հաճոյադեմ սպասուհի, որ փոխարինել էր նրան իմ վերջին այցելության ժամանակ։ Մրս․ Ստիրֆորթը դահլիճումն էր։ Մեր մտնելուն պես, սենյակի հակառակ կողմից սահելով առաջ եկավ Ռոզա Դարտլը և նրա բազկաթոռի հետևը կանգնեց։

Մոր երեսից անմիջապես նկատեցի, որ որդին իր արածը նրան հայտնել է։ Այդ երեսը շատ գունատ էր և խոր հուզման հետքեր էր կրում, որ դժվար թե կարելի լիներ նամակիս ազդեցության վերագրել, քանի որ մայրական սերն անշուշտ իրեն թելադրած կլիներ գրածներս զգուշությամբ ընդունել։ Այժմ նա ինձ շատ ավելի որդուն նման երևաց, քան թե առաջ․ և այս նմանությունը իմ ուղեկիցն էլ նկատեց՝ կարծեմ սրտիս, քան աչքիս վկայությամբ։

Տիկինը նստած էր բազկաթոռում վեհական, անշարժ ու անվրդով հանգստությամբ, որ կարծես ոչ մի բանով չէր կարելի խախտել։ Նա համարձակ նայեց մր․ Պեգգոտիի երեսին, երբ սա կանգնեց նրա առջև․ ձկնորսն էլ նախ համարձակությամբ նրան նայեց։ Ռոզա Դարտլի սուր աչքերն ընդգրկում էին բոլորիս։ Մի քանի վայրկյան ոչ ոք ոչ մի խոսք չասաց։ Տիկինը ձեռքով նշան արեց, որ մր․ Պեգգոտին նստի։ Սա մեղմ ձայնով պատասխանեց․

― Անվայել է ինձ, տիկին, նստել այս տանը։ Լավ է ոտքի վրա մնամ։

Դարձյալ մի կարճ լռություն, որ տիկինն այսպես ընդհատեց․

― Խորին տրտմությամբ իմացա ձեր գալու պատճառը։ Ի՞նչ եք ոզում ինձանից։ Ի՞նչ եք պահանջում, որ անեմ։

Մր․ Պեգգոտին իր գլխարկը թևի տակ դրեց և գրպանից Էմլիի նամակը հանելով, բաց արեց ու հանձնեց մրս․ Ստիրֆորթին։

― Համեցեք, կարդալ, տիրուհի։ Եղբորս աղջկա գործն է։

Տիկինը նամակը կարդաց նույն անխռով ու մեծաշուք սառնությամբ, և կարծես ամենևին տպավորություն չստացավ։ Նա ետ տվեց նամակը ձկնորսին։

― «Մինչ որ նա ինձ որպես իր օրինական կինը ետ չբերե», ― ասաց մր․ Պեգգոտին, մատը նամակի այդ տողի վրա դնելով։ ― Եկել եմ, տիկին, իմանալու, թե ձեր որդին իր տված խոսքը կկատարի՞։

― Ո՛չ։

― Ինչո՞ւ ոչ։

― Անկարելի է։ Նա կնվաստանար այդ անելով։ Ձեզ անհայտ չէ, որ աղջիկը շատ ցածր ծագում ունի։

― Ուրեմն բարձրացրեք նրան։

― Նա անկիրթ է, անուսում։

― Գուցե այո, գուցե ոչ։ Չեմ կարծում, որ այդպես լինի, բայց ես այդ բանի դատավորը չեմ։ Դուք ինքներդ կրթեցեք նրան։

― Քանի որ ստիպում եք, որ ես ավելի պարզ խոսեմ, որ ինձ բնավ ցակալի չէ, ահա կասեմ․ աղջկա ցածր ծագումն անկարելի է դարձնում այդ բանը, անգամ եթե ուրիշ արգելք չլիներ։

― Եթե այդպես է, տիրուհի, լսեցեք ինձ, ― պատասխանեց մր․ Պեգգոտին լուրջ և հանդարտ եղանակով։ ― Դուք գիտեք, թե ի՞նչ ասել է զավակ սիրելը։ Ես էլ գիտեմ։ Եթե այդ աղջիկը հարյուր անգամ էլ իմ հարազատ զավակը լիներ, ավելի շատ չէի սիրի նրան։ Դուք չգիտեք՝ թե ի՞նչ ասել է զավակ կորցնելը։ Ես գիտեմ։ Աշխարհիս բոլոր գանձերն էլ իմս լինեին, կտայի, միայն թե նրան ետ ստանայի։ Փրկեցեք նրան այս նախատինքից, և ես երդվում եմ, որ նա երբեք առիթ չի ունենա ամաչելու մեզանից։ Ոչ ոք մեզնից, որոնց շրջանում նա աճել է ու սնվել է, որոնց հետ այսքան տարի ապրել է, որոնք սիրել են նրան իրենց հոգու պես, էլ չի նայի նրա գեղեցիկ երեսին։ Մենք չենք երևա նրա աչքին, և գոհ կլինենք լսելով, թե նա կա, գոհ կլինենք մտածելով, թե ապրում է մի ուրիշ տեղ, մի հեռավոր երկնքի տակ։ Կմխիթարվենք այն հույսով, թե երջանիկ ամուսին է, սիրասուն մայր է․․․ և կսպասենք նրա տեսությանը մինչև այն օրը, երբ բոլորս էլ հավասար կլինենք աստծու առջև։

Մր․ Պեգգոտիի անսեթևեթ ճարտասանությունն անազդեցիկ մնաց։ Տիկինը դարձյալ խրոխտ ու գոռոզ էր երևում, բայց ձայնի մեջ մի տեսակ փափկություն կար, երբ որ ասաց․

― Ես ոչ մի բան չեմ արդարացնում, ոչ մի մեղադրանք չեմ անում, միայն թե ցավելով կկրկնեմ, որ դա անհնարին բան է։ Մի այդպիսի ամուսնություն կարող է ընդմիշտ որդուս ասպարեզը փչացնել, նրա ապագան ոչնչացնել։ Այդպիսի բան չի կարող լինել, և հաստատ կասեմ՝ բնավ երբեք չի լինի։ Եթե ուրեմն մի ուրիշ հատուցում կամենաք․․․

― Ձեր դեմքին նայելիս, ― վրա բերեց մր․ Պեգգոտին, հրացայտ աչքերը տիկնոջ երեսին բևեռելով, ― ես հիշում եմ մի ուրիշ դեմք, որ նայում էր ինձ իմ տանը, իմ վառարանի դիմաց, իմ նավի մեջ և ամեն տեղ․․․ բայց միշտ ժպտուն ու բարեհամբույր, մինչ այնքան սև դավաճանության մտքեր էր թաքցնում, որ նրա մասին մտածելիս քիչ է մնում կատաղեմ։ Ե թե այդ դեմքին նմանվող դեմքը չի ամաչում, ամոթից չի կարմրում, երբ ուզում է փող տալ ինձ միակ զավակիս կործանման ու կորստյան փոխարեն, ուրեմն այդ դեմքն էլ վատթար է, և գուցե ավելի վատթար, որովհետև կնոջ դեմք է։

Տիկինը հանկարծ փոխվեց։ Նրա երեսի բոլոր գծերը ցասման բոցով վառվեցին, և նա զայրույթից աթոռի բազուկներն ամուր բռնելով ասաց․

― Իսկ դուք ի՞նչ հատուցում կտաք ինձ այն անդունդի փոխարեն, որ բացել եք որդուս և իմ միջև։ Ւ՞նչ է ձեր սերն իմ առջև։ Ի՞նչ կարժե ձեր անջատվելը մերի համեմատությամբ։

Միս Դարտլը նրա ուսին թեթև դիպավ և մի ինչ֊որ բան շշնջաց նրան․ սակայն տիկինը չուզեց լսել։

― Ոչ, Ռոզա, էլ ոչ մի խոսք։ Թող այդ մարդը մինչև վերջ լսի ինձ։ Ւմ որդին կյանքիս միակ նպատակն էր․ բոլոր մտքերս միայն նրան էին նվիրված․ նրա փափագներից և ոչ մեկը չի մերժվել․ իր ծնվելու օրից ես առանց նրա չեմ ապրել և այդ որդին հանկարծ կապվում է մի թշվառական աղջկա հետ և փախչում ինձնից։ Նրա սիրուն շարունակ խաբել է ինձ և նրա պատճառով՝ թողել է ինձ։ Այդ անարգ կրքին նա զոհում է իր մոր հարգանքը, սերը, մեծարանքը, երախտագիտությունը, այս սրբազան պարտքերը, որոնք օրեցօր և ժամ առ ժամ ամրանալով, պիտի ամեն մի գայթակղության դիմադրեին։ Մի՞թե այս բոլորը նախատինք չէ։

Դարձյալ Ռոզա Դարտլը փորձեց նրան մեղմացնել, և դարձյալ իզուր։

― Կրկնում եմ, Ռոզա, էլ ոչ մի խոսք։ Եթե նա ընդունակ է այս բոլորն ուրանալ մի քմահաճ բերմունքով, ես էլ իմ պարտքը կուրանամ մի ավելի զորեղ դրդումով։ Ուր ուզում է թո գնա, սիրուս շնորհիվ ձեռք բերած միջոցներով։ Մի՞թե կարծում է, թե կընկճի ինձ իր երկարատև բացակայությամբ։ Եթե այդպես է, ասել է թե նա իր մորը շատ քիչ է ճանաչում։ Թող իսկույն այդ գարշ կրքից հրաժարվի, և իմ դռները իր առջև նորից կբացվեն։ Իսկույն ևեթ թող հրաժարվի, այլապես՝ թող մյուս անգամ չերևա ինձ, ո՛չ կենդանի, ո՛չ մեռած։ Այս ձեռքս միշտ ուժ կունենա նրան մերժելու, մինչև որ նա բոլորովին դեն ձգե այդ աղջկան և խոնարհաբար ինձ մոտ չգա ներողություն խնդրելու։ Այս է իմ իրավունքը։ Այս է իմ պահանջած պայմանը։ Այլ կերպ ես չեմ հաշտվի նրա հետ։ Ահա մեր մեջ ընկած անջատումը։ Եվ մի՞թե սա նախատինք չէ, ― կրկնեց նա, նորից մի ամբարտավան հայացք նետելով իր հյուրի վրա։

Բարկացած մոր այս խոսքերը լսելիս՝ ինձ թվում էր, թե լսում ու տեսնում եմ որդուն՝ նրա դեմ հայացքով սպառնալիս։ Այն ըմբոստ ու համառ ոգին, որ հատուկ էր որդուն, պարզ երևում էր և մոր մեջ։ Որդու զորեղ, բայց խեղաթյուրված բնավորությունը ճանաչելով, մոր բնավորությունն է՛լ ավելի լավ ճանաչեցի ու տեսա, որ երկուսն էլ հավասար չափով ամեհի են։

Այժմ նա ինձ դիմեց և առաջվա սառն հպարտությամբ բարձրաձայն ասաց, թե ապարդյուն է համարում այլևս մի խոսք ասել կամ լսել, և կցանկանար այս տեսակցությանը վերջ դնել։ Նա հանդիսաբար վերկացավ, որ սենյակից հեռանա։ Պեգգոտին ասաց, թե հեռանալն ավելորդ է։

― Մի կարծեք, տիկին, թե ես ձեզ նեղություն կտամ, ― ասաց նա, դեպի դուռը ետ քաշվելով։ ― Ուրիշ ասելիք էլ չունեմ։ Անհույս էի այստեղ եկել, անհույս էլ կերթամ։ Ես այն արի, ինչ որ պետք է անեի, բայց իմ գալուց ոչ մի բարիք չէի սպասել։ Այս տունը ինձ և իմ բոլոր գերդաստանին այնքան չարիք է հասցրել, որ հիմարություն կլիներ մի որևէ բան որոնել սրա մեջ։

Ասաց, և մենք դուրս ելանք, թողնելով տիկնոջը բազկաթոռի մոտ կանգնած, ինչպես ազնվաշուք ու գեղադեմ մի արձան։

Մեզ պետք էր անցնել մի սալահատակ սրահից, որի ապակյա պատերն ու հարկը պատուտակներով էին պատված։ Արեգակի ճառագայթները դեռ կանաչ տերևների վրա ցոլում էին և պարտեզ տանող զույգ դռները բաց էին։ Ռոզա Դարտլը շեմքի մոտ կամաց մոտեցավ մեզ և ասաց, դառնալով ինձ․

― Ի՜նչ լավ արիք, որ այստեղ բերիք այդ մարդուն։

Մի այդպիսի ատելություն ու կատաղություն, որ նրա ամբողջ դեմքը մթագնելով դուրս էր ցայտում սև սաթի պես աչքերից, չէի կարծի թե կարող է արտահայտվել անգամ Դորայի երեսի վրա։ Մուրճի հարվածից առաջացած սպին, որ սովորաբար նրա գրգռելու միջոցին էր երևան գալիս, այժմ պարզորոշ կերպով աչքի էր ընկնում։ Երբ իր սրտի զայրույթը սպիի վրա էլ բորբոքվեց, նա շտապեց շուրթերն ու կզակը ձեռքով ծածկել, որ ես այդ սպին չտեսնեմ։

― Լավ ասպետ եք գտել կովի համար, չէ՞։ Իրավ որ շատ հավատարիմ ընկեր եք։

― Միս Դարտլ, ― ասացի ես, ― անշուշտ անիրավ չեք լինի, որ ինձ դատապարտեք։

― Ինչո՞ւ եք գժտություն ձգում այն երկու խելագար արարածների միջև, ― գոչեց նա։ ― Մի՞թե չգիտեք, որ եկուսն էլ գժված են իրենց համառ ու գոռոզ ոգուց։

― Ես ինչով եմ մեղավոր, ― պատասխանեցի։

― Եթե դուք չեք, հապա ո՞վ, ― վրա բերեց Ռոզան։ ― Ինչո՞ւ համար այստեղ բերիք այդ մարդուն։

― Դա սաստիկ վիրավորված մի մարդ է, միս Դարտլ։ Այդ բանը գուցե չգիտեք։

― Գիտեմ, որ Ջեյմս Ստիրֆորթը, ― ասաց նա, ձեռքը կրծքին դնելով, ասես դրա մեջ ալեկոծվող փոթորիկը զսպելու համար, ― մի խարդախ, ապականված սիրտ ունի։ Գիտեմ որ նա դավաճան է։ Սակայն ինչի՞ս է պետք այդ մարդն ու դրա ռամիկ եղբոր աղջկան ճանաչելը։

― Դուք սաստկացնում եք, միս Դարտլ, դրան հասած նախատինքը, որ արդեն ինքնին շատ դառն է։ Ի վերջո միայն այն կասեմ, որ նրա դեմ սաստիկ մեղանչում եք։

― Մեղանչո՞ւմ, ― պատասխանեց միս Դարտլը։ ― Դրանք վատթար, անարգ էակներ են։ Օ՜հ, ինչպես կուզենայի մտրակով ծեծել այդ աղջկան։

Մր Պեգգոտին առանց մի խոսք ասելու անցավ մեր մոտից ու դուրս գնաց։

― Ամոթ ձեզ, ամոթ, միս Դարտլ, ― ասացի ես զայրանալով։ ― Ձեր սիրտը մի՞թե քար է, որ վստահանում եք ոտնակոխ անել այդ անմեղ մարդու տառապանքը, սուրբ վիշտը։

― Երանի թե կարողանայի բոլորին էլ տրորել, ճմլել ոտքիս տակ, ― պատասխանեց միս Դարտլը։ ― Կուզենայի հիմնահատակ անել դրա տունը, երկաթով խարանել այն աղջկա դեմքը, ցնցոտիք հագցնել նրան ու դուրս քշել, որ սոված սատկի փողոցում։ Եթե ես դատելու իրավունք ունենայի, կվճռեի, որ այդպես անեն։ Անե՞ն, ոչ։ Ես ինքս անձամբ կանեի։ Ատում եմ նրան, գարշում եմ նրանից։ Պատրաստ եմ նույնիսկ մինչև աշխարհի ծայրը գնալ, միայն թե կարենայի նրա վատթար ընթացքը խայտառակել։ Պատրաստ եմ, եթե հնար լինի, մինչև գերեզմանը հալածել նրան։ Եթե հոգևարքի րոպեին մի որևէ խոսքով կարելի լինի սփոփել նրան, և միայն ես այդ խոսքը գիտենամ, սպանեն էլ՝ չեմ ասի։

Այս լուտանքների սաստկությունը միայն մի թույլ արտահայտություն էր այն կրքի, որ եռ էր գալիս նրա սրտում և ամբողջ մարմինը կտտում, թեև ձայնը փոխանակ բարձրանալու՝ իջել էր։ Այնպես նկարագրել այդ էակի մոլեգնությունը, ինչպես որ նա կենդանի է մտքիս մեջ, անզոր եմ։ Մարդկային կրքերի շարժման ձևեր շատ եմ տեսել, բայց այդպիսին՝ ոչ երբեք։

Մր․ Պեգգոտին ծանրաքայլ ու մտախոհ ներքև էր իջնում սանդուղքով։ Ես հասա նրան, և նա ինձ ասաց, թե իր անելիքը Լոնդոնում արդեն ավարտած լինելով, մտադիր է հենց նույն գիշերը ճանապարհ ընկնել։

― Բայց դեպի ո՞ւր, ― հարցրի ես։

― Գնում եմ եղբորս աղջկան փնտրելու, ― ասաց նա և ուրիշ պատասխան չտվեց։

Վերադարձանք նպարավաճառի վերևի սենյակը։ Այնտեղ ես առիթ գտա Պեգգոտիին հայտնելու, ինչ որ լսել էի եղբորից։ Նա էլ չգիտեր, թե եղբայրը ո՞ւր է գնալու, բայց համոզված էր, թե անպատճառ մի բան մտածած կլինի։

Այսպիսի հանգամանքներում ինձ դժվար էր մր․ Պեգգոտիից բաժանվել, և մենք միասին վայելեցինք այն մսով կարկանդակը, Պեգգոտիի հանճարին պատիվ բերող երևելի խորտիկը, որի համը, ինչպես հիշում եմ, ավելի ախորժ էր դարձել ներևի կրպակից դեպի վեր բուրող թեյի, սուրճի, կարագի, պանրի, թարմ հացի, սունկի սոուսի խառն հոտերի շնորհիվ։ Ճաշից հետո մի ժամի չափ նստած մնացինք պատուհանի մոտ առանց երկար խոսելու, հետո մր․ Պեգգոտին վերկացավ և իր մոմլաթե պայուսակն ու հաստ գավազանը բերելով, երկուսն էլ սեղանի վրա դրեց։

Քրոջ պատրաստի փողերից նա ի հաշիվ տոկոսների մի փոքրիկ գումար վերցրեց, որ իմ կարծիքով իր մեկ ամսվա ծախսերին կբավականացներ։ Նա խոստացավ՝ ինչ էլ պատահի գրել ինձ․ հետո պայուսակը գցեց ուսին, գլխարկն ու գավազանը առավ և մեզ ասաց․ «Բարով մնաք»։

― Աստված քեզ անփորձ պահի, ա՛յ բարի կին, ― ասաց նա, համբուրելով քրոջը։ ― Նույնպես և ձեզ, մաստր Դեվի։ (Նա իմ աջն ամուր սեղմեց։) Աստծու օրհնությունը ձեր վրա լինի։ Գնում եմ նրան որոնելու՝ հեռու, հեռու այստեղից։ Եթե նա իմ թափառման միջոցին ետ գա․․․ բայց ա՜խ, դժվար թե դա․․․ կամ թե ես նրան ետ բերեմ, այնուհետև նա ու ես միասին կապրենք ու միասին կմեռնենք մի այնպիսի տեղ, ուր ոչ ոք չկարողանա կշտամբել նրան։ Եթե գլխիս մի որևէ փորձանք գա, իմացեք, որ վերջին խոսքերս կլինեն․ «Անփոփոխ սեր եմ թողնում իմ սիրասուն զավակին և ներում եմ նրան»։

Այդ խոսքերը նա ասաց հանդիսաբար, գլխաբաց, հետո գլխարկը հագավ ու սանդուղքով ներքև իջավ։ Մենք նրան մինչև դրսի դուռը հետևեցինք։ Տաք ու փոշոտ երեկո էր։ Կառքերի ու հետիոտն անցորդների անվերջ անցուցարձը փոքր֊ինչ դադարել էր այդ միջոցին, և երկինքը մայր մտնող արեգակի շառագույն լույսով շողշողում էր։ Մր․ Պեգգոտին մեն֊մենակ մինչև մեր մթին փողոցի անկյունը գնաց և լույսի հոսանքի մեջ մտնելով, անհետացավ մեր աչքից։

Երբ էլ դրանից հետո այդ երեկոյան ժամը հասնում էր, գիշերվա որ ժամին էլ զարթնում էի, երբ է՛լ լուսնին կամ աստղերին էի նայում, և կամ երբ էլ անձրևի ու հողմի շառաչման ականջ էի դնում՝ միտքս էր գալիս այդ միայնակ խեղճ պանդուխտի պատկերն ու խոսքերը․

«Գնում եմ նրան որոնելու՝ հեռու, հեռու այստեղից։ Եթե գլխիս մի որևէ փորձանք գա, իմացեք, որ վերջին խոսքերս կլինեն՝ անփոփոխ սեր եմ թողնում իմ սիրասուն զավակին և ներում եմ նրան»։


ԺԳ․ գլուխ

Երջանիկ


Այդ ժամանակ իմ սերը դեպի Դորան ավելի ու ավելի աճում էր։ Նրա մասին մտածելը մի մխիթարություն էր վշտերիս մեջ և նույնիսկ ամոքիչ դարման ընկերոջս կորստյան ցավի դեմ։ Ինչքան շատ էի ինձ և կամ ուրիշներին ափսոսում, այնքան ավելի էր ինձ սփոփում Դորայի սիրուն պատկերը։ Ինչքան շատ էին կուտակվում աշխարհիս պատրանքերն ու տագնապները, այնքան ավելի ջինջ էր փայլում Դորայի աստղը աշխարհիս վրա։ Չեմ կարծում, որ մի որոշ պատկերացում ունենայի, թե որտեղի՞ց էր Դորան ծնունդ առել, և կամ ո՞ր աստիճան ազգակից էր գերբնական էակներին․ գիտեմ միայն, որ եթե մեկն ինձ ասեր, թե նա լոկ մի մարդկային արարած է, ինչպես և ամեն մի օրիորդ, այդ գաղափարը ես բարկությամբ կմերժեի։

Ես ընկղմված էի Դորայի մեջ, եթե կարելի է այսպես ասել։ Բավական չէ, որ նրա սիրո մեջ ես ոտքով գլխով լողում էի, այլև բոլորովին տոգորված էի այդ սիրով։ Այլաբանորեն ասած, եթե իմ միջից սեր քամեին, կարելի կլիներ, այնքան քամել, որ ով էլ ասես մեջը խեղդվեր, և դեռ իմ ներսում և իմ շուրջը այնքան սեր կմնար, որ դրանով ամբողջ գոյությունս կսքողվեր։

Վերադառնալուս պես իմ առաջին գործը այն եղավ, որ գիշերային զբոսանքի ելա դեպի Նորվուդ, ու Դորայի մասին մտածելով, սկսեցի մանկական օրերս հանելուկի ասածի նման՝ «տան շուրջը պտույտ գալ՝ առանց տանը դիպչելու»։ Կարծում եմ, որ այդ խրթին հանելուկի լուծումը լուսինն էր։ Ինչ էլ որ լիներ, ես Դորայի լուսնոտ գերին էի՝ շրջափակի ճեղքերից ներս նայելով, դրա կատարի սուր մեխերից ահագին դժվարությամբ կզակս վեր բարձրացնելով, պատուհանների լույսին ջերմ համբյուրներ առաքելով երկու ժամի չափ նրա պարտեզի ու տան շուրջը ման եկա և գիշերային եթերին ասպետորեն աղերսեցի պաշտպանել Դորայիս․․․ ինքս էլ չգիտեմ թե ինչի՞ց, ― գո՞ւցե կրակից, բայց գուցե և մկներից, որոնցից սաստիկ վախենում էր։

Իմ մտքերի վրա սերն այնպես էր տիրացել, և Պեգգոտիի առջև սիրտս բանալու կարիքը այնքան բնական էր, որ մի երեկո, երբ նա իր կարի սովորական պարագաներով սպառազինված՝ իմ շորերն էր մեկ֊մեկ աչքի անցկացնում, ես մի անորոշ առաջաբանից հետո՝ գաղտնիքս հայտնեցի նրան։ Պեգգոտին սաստիկ հետաքրքրվեց․ սակայն ես չկարողացա այնպես անել, որ նա էլ բանի էությունն իմ աչքով դիտեր։ Նա բոլորովին նախապաշարված էր իմ օգտին և ընդունակ չէր ըմբռնելու, թե ինչո՞ւ եմ վհատվում կամ կասկածում։ «Բանը պարզ է, ― ասաց Պեգգոտին։ ― Օրիորդը երջանիկ է, որ քեզ նման սիրուն պաշտող է գտել։ Իսկ հորը գալով, ասացեք խնդրեմ, էլ ի՞նչ է ուզում այդ ջենտլմենը»։

Ես նկատեցի, սակայն, որ մր․ Սըպնլոյի պրոկտրական պարեգոտն ու քարի պես կարծր օձիքը Պեգգոտիին մի թեթև վարանք են պատճառում և մի տեսակ հարգանք ազդում դեպի նրա անձը, իսկ իմ աչքում այդ մարդը օրեցօր մի վեհ էակ էր դառնում, և երբ ես նրան տեսնում էի ատյանում, նա կարծես թե մի փոքրիկ փարոսի պես լուսաճաճանչ շողք էր սփռում իր շուրջը, թղթերի, ծրարների, գրիչների ու թանաքի համատարած ծովի մեջ։ Հիշում եմ նաև, որ երբ ես էլ նստած էի լինում գերագույն դատավորների խմբի մեջ, զարմանքս գալիս էր, թե ինչո՞ւ նրանք անտարբեր են դեպի Դորան, ինչո՞ւ ոչ ոք չէր բորբոքվում նրա հետ ամուսնանալու փափագով, ինչո՞ւ ոչ ոք չի հափշտակվում նրա թովչական կիթառով, նրա դյութական նվագով, մինչդեռ ես համարյա թե գժված էի։ Օ՜վ անզգա, թմրած մարդիկ։

Ատեցի նրանց, բոլորին էլ ատեցի։ Սրտի ծաղկոցում սառած այդ պառավ պարտիզպանները զզվելի դարձան ինձ համար։ Դատարանն իմ աչքում մի անմիտ, հիմար բան դարձավ, մինչև անգամ նախագահի աթոռն իր բանաստեղծական հրապույրը կորցրեց և մի պանդոկի նստարանի պես ստորացավ։

Պեգգոտիի գործերի տեսչության պարտքն անձամբ հոգալով (ոչ առանց հպարտության), ես նրա մարդու կտակը վավերացնել և արձանագրել տվի հրիտակների դիվանում, ինքս անձամբ բանկ տարա այն և ամեն բան կարգի բերի։

Այդ պաշտոնական զբաղմունքներից թեթևանալու համար մի անգամ գնացինք մոմե պատկերների սրահը տեսնելու, ուր նրանք այժմ հալված կլինեն․ մյուս անգամ մտանք միս Լինվուդի կար ու ձևի ցուցահանդեսը, որ ապաշխարհության ու զղջման մավսոլիոնի պես բան էր․ մի օր էլ Լոնդոնի երևելի Տաուրը[46] և վերջապես ս․ Պողոսի գմբեթը բարձրացանք։ Այս բոլոր հրաշալիքները բավական զվարճացրին վշտահար դայակիս, բայց նրա ասելով՝ ս․ Պողոսի գմբեթը թեև կարող էր մրցել գեղարվեստի տեսակետից, իր ձեռագործի վրա փայլող նկարի հետ, սակայն դրանից փոքր֊ինչ ետ կմնար։

Պեգգոտիի ժառանգության գործերը, որոնք Դոկտորների Համայնքում «հասարակ ու ձևական» էին կոչվում (բայց և այնպես շատ շահավետ), վերջացնելուց հետո՝ մի առավոտ ես նրան մր․ Սպընլոյի գրասենյակը տարա, ուր պետք է դիվանական մաքսը վճարեր։ Մր․ Սպընլոն այնտեղ չէր։ Թիֆըն ասաց, թե գնացել է ամուսնության իրավունք տալու մի ջենտլմենի։ Ես գիտեի, որ շուտով կվերադառնա, և խնդրեցի Պեգգոտիին, որ սպասի։

Մենք՝ համայնքում ծառայողներս որևէ կտակ հաստատելիս մի քիչ նման էինք մեռել թաղող բանվորների, որովհետև մեզ համար կանոն էինք գրել, թե պետք է տխրադեմ երևալ, երբ մեր ատյանը սգավորներ են գալիս, և ընդհակառակը՝ զվարթադեմ, երբ եկողներն ամուսնության թեկնածուներ են։ Այս պատճառով ես դայակիս ակնարկեցի, թե նա մր․ Սպընլոյի երեսին այլևս չի տեսնի այն տրտմության կնիքը, որ նա ընդունել էր մր․ Բարկիսի մահվան գույժն առնելիս․ և իրոք, մր․ Սպըլոն փեսայի պես զվարթ ներս մտավ։

Սակայն ո՛չ Պեգգոտին ժամանակ գտավ նրա երեսը դիտելու, ո՛չ էլ ես, երբ տեսանք, որ նրա հետ միասին մր․ Մեորդստոնը ներս մտավ։ Այդ պարոնը շատ քիչ էր փոխվել։ Մազերն առաջվա պես խիտ ու սև էին, հայացքն էլ այնքան կասկածելի, որքան և անցյալում։

― Ա՜հ, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Սպընլոն։ ― Կարծեմ ճանաչո՞ւմ եք այս ջենտլմենին։

Ես սառը կերպով գլուխ տվի նրան, իսկ Պեգգոտին իբր թե բնավ չճանաչեց։ Մր․ Մեորդստոնը մեզ միասին տեսնելուն պես ինքն էլ փոքր֊ինչ շփոթվեց, բայց իսկույն ինքն իրեն տիրեց ու մոտենալով ինձ ասաց․

― ԻՆչպե՞ս եք, առո՞ղջ եք։

― Հազիվ թե այդ բանը ձեզ համար հետաքրքիր լինի, ― պատասխանեցի ես։ ― Սակայն եթե կամենում եք իմանալ, այո, առողջ եմ։

Մենք իրար նայեցինք, հետո նա Պեգգոտիին դիմեց։

― Իսկ դուք ինչպե՞ս եք, ― ասաց նա։ ― Շատ ցավում եմ, որ ձեր ամուսնուց զրկվել եք։

― Դա առաջին կորուստը չէ, որ կրում եմ կյանքումս, մր․ Մեորդստոն, ― պատասխանեց Պեգգոտին, ամբողջ մարմնով դողալով։ ― Սակայն գոհ եմ, որ այս նոր կորուստիս համար ոչ ոքի մեղադրելու պատճառ չունեմ․․․ որ այս բանում ոչ ոք հանցավոր չէ։

― Ա՜հ, ― ասաց մր․ Մեորդստոնը։ ― Այդ մեծ սփոփանք է։ Ասել է, թե ձեր պարտքը կատարե՞լ եք։

― Այո, ես ոչ ոքի կյանք չեմ թունավորել, փառք աստծու, ― ասաց Պեգգոտին։ ― Ո՛չ, մր․ Մեորդստոն, ես ոչ մի բարեհոգի արարած չեմ չարչարել, չեմ լլկել ու գերեզման իջեցրել։

Մր․ Մեորդստոնը նրա վրա մի մռայլ հայացք գցեց, որի մեջ կարծեմ խղճահարություն էր երևում, և հետո ինձ դառնալով, փոխանակ երեսիս՝ ոտքերիս նայելով ասաց․

― Հավանական է, որ մենք շուտով իրար չհանդիպենք․․․ և անշուշտ երկուսիս համար էլ այդ լավ կլինի, որովհետև այսպիսի հանդիպումներն ախորժելի բաներ չեն։ Դուք միշտ ըմբոստ էիք իմ իրավունքի իշխանության դեմ, որը ես միայն ձեր օգտի համար էի գործ դնում․ ուրեմն հույս չունեմ, որ այժմ բարեկամություն ցույց տաք ինձ։ Մեր միջև մի այնպիսի հակակրություն կա․․․

― Եվ կարծեմ շատ հին, ― մեջ բերի ես։

Նա ժպտաց ու վրաս մի չար ակնարկ նետեց, որ հատուկ էր միայն իր սև աչքերին։

― Արդեն ձեր մանկական սրտում այդ կիրքը եռում էր, ― ասաց նա։ ― Դա էր, որ ձեր խեղճ մոր կյանքը թունավորեց։ Հուսով եմ, սակայն, որ դեռ կուղղվեք։

Այսպես վերջացավ մեր կիսաձայն խոսակցությունը մր․ Սպընլոյի գրասենյակի առաջին մասի մի անկյունում․ հետո մր․ Մեորդստոնը մյուս մասը մտավ ու բարձր ու ողոքիչ ձայնով ասաց․

― Ձեր կոչման մարդիկ, մր․ Սպընլո, սովոր են ընտանեկան վեճեր լսել և գիտեն, թե որքան դրանք խառն ու կնճռոտ բաներ են։

Այս ասելով նա իր խնդրած թույլտվության արժեքը վճարեց և գեղեցիկ ծալված արտոնագիրը մր․ Սպընլոյից ստանալով, դուրս գնաց։ Պրոկտրը նրան ճանապարհ դնելիս, աջը սեղմեց և ամեն տեսակ բարիք մաղթեց թե՛ նրան և թե՛ նրա նշանածին։

Դժվար կլիներ ինձ պատասխան չտալ մր․ Մեորդստոնի վերջին խոսքերին, եթե հարկը չստիպեր ինձ համոզել դայակիս (որ միայն իմ պատճառով էր զայրացել), թե մր․ Սպընլոյի գրասենյակը կռիվ անելու հարմար տեղ չէ, և աղաչել, որ հանգիստ մնա։ Բայց կինն այն աստիճան գրգռված էր մեր կրած հին զրկանքները հիշելով, որ իր սիրտը թեթևացնելու համար մր․ Սպընլոյի ու գրագիրների ներկայությամբ սկսեց ինձ համբուրել։

Մր․ Սպընլոն կարծեմ ոչինչ չգիտեր մր․ Մեորդստոնի և իմ հարաբերությունների մասին, և ես գոհ էի այդ բանից, որովհետև ինձ համար հեշտ չէր ազգական համարել այդ մարդուն, ինչպես որ ստիպված էի անել խեղճ մորս պատմությունը գրելիս։ Մր․ Սպընլոն երևի մտածեր․ եթե միայն որևէ բան մտածեց, թե տատս մի պետական կուսակցության պարագլուխ է մեր տանը՝ հակառակ մյուս կուսակցության, որի ըմբոստ առաջնորդը մի ուրիշ մարդ կլինի։ Գոնե այդպես հետևեցրեցի նրա խոսքերից, մինչ մր․ Թիֆըն դատական ծախքերի հաշիվն էր գրում Պեգգոտիի համար։

― Միս Տրոտուդը մի հաստատակամ տիկին է, ― ասաց նա, ― և իհարկե հակադիր կուսակցությանը տեղի չի տա։ Ես հիացած եմ նրա բնավորության վրա և շնորհավորում եմ ձեզ, մր․ Կոպպերֆիլդ, որ դուք օրինավոր կողմն եք կանգնած։ Ընտնեկան գժտությունները, որքան էլ դրանք ցավալի լինեն, ամենօրյա երևույթներ են, և այդպսի դեպքերում գլխավոր բանը արդարության կողմը բռնելն է։

Եթե չեմ սխալվում, ուզում էի ասել՝ հարստության կողմը բռնել։

― Ջենտլմենը մի լավ կին է առնում, ― ասաց մր․ Սպընլոն։

Պատասխանեցի, թե այդ մասին ոչինչ չգիտեմ։

― Իրա՞վ, ― ասաց նա։ ― Դատելով մր․ Մեորդստոնի խոսքերից․․․ որ մարդիկ հեշտ են փախցնում բերանից այպիսի պարագաների մեջ․․․ և ի նկատի առնելով միս Մեորդստոնի ասածները, պետք է կարծել, թե շատ ձեռնտու պսակ է։

― Ուզում եք ասել, թե բանի մեջ դրամական շա՞հ կա։

― Այո, ― ասաց մր․ Սպընլոն, ― նախ և առաջ դրամական։ Բացի այդ՝ հարսն էլ, ասում են, գեղեցիկ է։

― Մի՞թե։ Գուցե և ջահե՞լ։

― Դեռ նոր է չափահաս դարձել, և կարծեմ հենց այդ բանին էին սպասում։

― Աստված գթա ու փրկե նրան, ― գոչեց Պեգգոտին։

Եվ այնպես սրտանց ու հանկարծ գոչեց, որ բոլորս էլ շվարած մնացինք։

Վերջապես Թիֆըն հաշիվը բերեց ու մր․ Սպընլոյին հանձնեց։ Մր․ Սպընլոն կզակը հանդարտ շփելով, թվանշանները սկսեց կարդալ և խոժոռ դեմք ընդունելով հոգոց հանեց ― կարծես թե շատ դժգոհ էր ագահ Ջորկինսի նշանակած գներից։ Նա Թիֆըին ետ տվեց հաշիվն ու ասաց․

― Այո, ամեն բան ճիշտ է, կանոնավոր է։ Ես շատ կցանկանայի, Կոպպերֆիլդ, մի քիչ գները իջեցնել, բայց ի՞նչ անեմ․․․ պաշտոնիս դառնությունն էլ հենց այս է, որ սրտիս ուզածը չեմ կարող անել։ Գիտեք, որ ընկեր ունեմ, և նրան մր․ Ջորկինս են ասում։

Այս բոլորը մր․ Սպընլոն մի այնպիսի ցավով ասաց, որ իր վեհանձնության մասին կասկածել անգամ չէր կարելի։ Ես Պեգգոտիի կողմից շնորհակալություն հայտնեցի նրան և փողը Թիֆըին տվեցի։ Այնուհետև Պեգգոտին տուն գնաց, իսկ մր․ Սպընլոն ու ես ատյան մտանք։

Այդ օրը ատյանում մի պսակալուծության գործ պիտի քննվեր իմաստուն օրենքի հիման վրա, որ այժմ գուցե ջնջված լինի, բայց որի զորությամբ իմ օրով շատ ու շատ պսակներ են լուծվել։ Ահա՛ թե ինչումն էր այդ օրենքի արժանիքը։ Թոմաս Բենջեմինը իրավունք էր ստացել պսակվելու լոկ Թոմաս անունով․ նա լավ էր համարել պաշտոնական թղթում Բենջեմինը բաց թողնել, թերևս կարծելով, թե ամուսնական վիճակը իր սպասած հաճույքները չի բերի։ Եվ իրոք՝ ողորմելին ակնկալած հաճույքները չի գտնում․ մի երկու տարի ապրելուց հետո, իր կնոջից ձանձրանում է և դատարան գալով ասում է, թե իր անունը Թոմաս Բենջամին է, հետևաբար ինքը երբեք ամուսնացած չի եղել։ Եվ ատյանը հաստատում է, որ այդպես է, և մարդն անչափ գոհ է մնում։

Պիտի ասեմ, որ այդ վճռի արդադությունը կասկածելի երևաց, բայց մր․ Սպընլոյի կարծիքն ուրիշ էր։

― Տեսեք, բարեկամ, ― ասաց նա։ ― Աշխարհումս չարն ու բարին իրարից անբաժան են․ մեր եկեղեցական օրենքումն էլ նրանք իրար հետ լծակից։ Սա մի ընթհանուր դրության հետևանք է։ Շատ լավ։ Էլ ի՞նչ եք ուզում։

Համարձակություն չունեցա Դորայի հորը ասելու, որ գուցե կարելի լիներ գեթ փոքր֊ինչ բարեփոխել աշխարհը, եթե առավոտներն ավելի վաղ վերկենայինք ու թևերը սոթցած՝ աշխատանքի ձեռք զարնեինք, բայց և այնպես հայտնեցի, թե կարող էինք շատ բան փոխել Դոկտորների Համայնքում։ Մր․ Սպընլոն խորհուրդ տվեց այդ գաղափարը մտքիցս հանել, որովհետև ինձ նման ջենտլմենին անվայել էր։

― Այնուամենայնիվ, կցանկանայի իմանալ, ― ասաց նա, թե ինչ տեսակ բարվոքումներ կարելի էր մտցնել Դոկտորների Համայնքում։

Բենջեմինի ամուսնությունն արդեն լուծված էր, և մենք ատյանից դուրս գալով մոտեցել էինք Արտոնությանց դիվանին, որ կտակները պահելու տեղիք էր։ Ի պատասխան մր․ Սպընլոյի հարցման՝ հարմար գտա ակնածությամբ (ոչ այնքան նրա փորձառությունից, ինչքան որ Դորայի հայրը լինելուց) ասելու, թե, օրինակի համար այդ Արտոնուցյանց դիվանը մի անմիտ բան է։ Ահա երեք դար է, որ դրա մեջ պահվում են Կենտրբըրիի ահագին թեմում կալվածք ունեցող բոլոր անձանց կտակները։ Այնինչ Դիվանի տունը մի պատահական, հին ու անպետք շինություն է և արձանագրող պաշտոնյաների բնակարան է դարձել։ Հրդեհից անգամ ապահովված չի, և մի թեթև անզգուշություն բավական է, որ նրա մեջ հիմքից մինչև առաստաղն անկարգ դիզված կարևոր թղթերն իսպառ այրվեն ու կորչեն։ Շահասեր արձանագրողների միակ հոգսը ոչ այլ ինչ է, եթե ոչ ահագին փողեր պոկել ժողովրդից և դեսուդեն խցկել կտակները, որ շուտով աչքից հեռացնեն։

― Արդյոք չի՞ կարելի, ― ասացի ես, ― որ այդ արձանագրողները, որոնցից յուրաքանչյուրը տարեկան ութ֊ինը հազար ստեռլինգ է ստանում, առանց հաշվելու օգնականների ու գրագիրների եկամուտը, մի որոշ գումար հատկացնեին մի առանձին ապահով տուն շինելու այդ թանկագին թղթերի համար, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է նրանց հանձնել։ Արդյոք անիրավություն չէ՞, որ հաստատության բոլոր բարձր պաշտոնները փառավոր ռոճիկ տվող, բայց աշխատանք չպահանջող պաշտոններ են, մինչդեռ վերին հարկի սառն ու մութ սենյակներում չարաչար մաշվող գրագիրներն ամենաչնչին ռոճիկ են ստանում և ահագին գործ հոգալով հանդերձ՝ գրեթե անհայտ են Լոնդոնին։ Արդյոք մի անվայել բան չէ՞, որ առաջին արձանագրողը, որի բուն պարտքն է թեթևացնել ատյան դիմող բազմության դրությունը, իր վիթխարի թոշակը քիչ համարելով, դեռ ձգտում է ուրիշ մեծահասույթ եկեղեցական պաշտոններ էլ ձեռք բերել, մինչդեռ ժողովուրդն ամեն օր անասելի տանջանք է կրում դիվանական սենյակներում։ Մի խոսքով, ― վերջացրի ես, ― Կենտրբըրիի թեմի Արտոնությանց դիվանը մի այնպիսի ժանգոտած, վնասակար ու խայտառակ հաստատություն է, որ վաղուց նրան հիմնահատակ կանեին, եթե նա ս․ Պողոսի գերեզմանատան մի խուլ անկյունում թաքնված չլիներ։

Մր․ Սպընլոն ծիծաղեց, երբ ես այս մտքերս արծարծելիս տաքացա, և հետո սկսեց այդ խնդիրն էլ մյուսի պես լուսաբանել։

― Ի՞նչ է հետևում այդ բոլորից, ― ասաց նա։ ― Դա զգացման հարց է։ Եթե հասարակությունն զգում է, որ իր կտակներն ապահով են ու դիվանը լավ է խնամված, ո՞ւմ վնաս կլինի։ Հարկավ ոչ ոքի։ Ո՞վ կշահի։ Բոլոր ձրիակեր պաշտոնյաները։ Շա՛տ լավ։ Ուրեմն օգուտն ավելի է, քան վնասը։ Գուցե դրությունը կամ սիստեմը կատարյալ չէ․ կատարյալ բան աշխարհում չկա։ Բայց ես երբեք թույլ չէի տա, որ տապար դնեն նրա արմատին։ Արտոնությանց դիվանը մեր երկրի պարծանքն է։ Խախտեցեք այն, և Անգլիան իր փառքից կզրկվի։

Մր․ Սպընլոյի կարծիքով յուրաքանչյուր ջենտլմենի պարտքն էր ամեն բան այնպես ընդունել, ինչպես որ կա, և նա մի վայրկյան չէր կասկածուոմ, թե Արտոնությանց դիվանն էլ մեր օրով նույնը կմնա, ինչպես որ է։ Ես համաձայնեցի նրա կարծիքին, թեև մեծ երկբայությամբ։ Վերջ ի վերջո նրա ասածը ճշմարիտ դուրս եկավ, որովհետև Արտոնությանց դիվանը դեռ մնում է, չնայած տասնութ տարի առաջ Պառլամենտին մատուցած տեղեկագրին, ուր մի առ մի հիշված էին իմ զորավոր փաստերը և ապացուցված, որ մի երկու տարուց հետո էլ հնար չի լինի մի որևէ կտակ դնել թղթերով խճողված դիվանում։ Արդյոք այնուհետև ի՞նչ արին, գրված կտակների հետ և ու՞ր դրին․ դե՞ն գցեցին, թե երշիկ վաճառող կրպակներին վաճառեցին, չգիտեմ։ Համենայն դեպս, ես գոհ եմ, որ իմ կտակն այնտեղ չի լինի։

Այս շեղումը ներկա երջանիկ գլխում դրի, և կարծեմ իր բնական տեղում դրի։ Մր․ Սպընլոն ու ես ետ ու առաջ ման գալով այս նյութի մասին երկար խոսեցինք, մինչև որ անցանք ավելի ընդհանուր առարկաներին։ Վերջապես նա ինձ ասաց, թե մի շաբաթից հետո Դորայի ծննդյան տարեդարձն է, և թե շատ ուրախ կլինի, եթե ես էլ գամ իրենց պիկնիկին մասնակցելու։ Անմիջապես խելքս թռավ, իսկ հետևյալ օրը, երբ մի սիրուն տոմսակ ստացա, թե «Հայրիկիս հաճությամբ, հիշեցնում եմ», ― խելագարությունս ավելի սաստկացավ, և մնացած օրերը զառանցանքի մեջ անցկացրի։

Կարծեմ էլ անհեթեթ բան չմնաց, որ չանեի այդ երջանիկ տոնի համար պատրաստվելիս։ Դեռ այսօր էլ կարմրում եմ, գնած փողպատս հիշելով։ Կոշիկներս համարձակ կարելի էր տանջանքի գործիքերի ո՛ր թանգարանը կամենար դնել։ Տոնի նախօրեին մի փոքրիկ զամբյուղ ճարեցի, որ արդեն ինքնըստինքյան սիրո հայտարարության հավասար էր, և Նորվուդի կառքով ուղարկեցի։ Մեջը կային թխվածքներ ու քաղցրավենիք՝ այնպիսի քնքուշ նշանաբաններով, որոնց նմանը դժվար թե գտնվեր Լոնդոնում։ Արդեն առավոտյան ժամը վեցին Կովընտ Գարդնի շուկայումն էի՝ մի ծաղկեփունջ ջոկելու Դորայի համար։ Ժամը տասին արդեն սլանում էի դեպի Նորվուդ՝ մի պատվական գորշ ձի հեծած, որը հատկապես վարձել էի այդ դեպքի առիթով և սլանում էի՝ փունջը գլխարկիս կապած, որպեսզի դեռ չթառամած՝ հասցնեմ Դորային։

Երբ ես Դորային պարտեզում տեսա ու չտեսնել ձևացնելով, տան արջևով արշավեցի, իբր թե տունը որոնելով, երկու փոքրիկ հիմարություն արեցի, որ կարծեմ կաներ և ամեն մի ուրիշ երիտասարդ, եթե իմ տեղը լիներ, ― այնքա՜ն դրանք բնական էին։ Բայց երբ վերջապես տունը գտա, պարտեզի դռնակի մոտ ձիուց իջա, հոգեհան կոշիկներովս մարգից անցա ու Դորային մոտեցա, որ մի եղրևանի ծառի տակ նստած էր, օ՜հ, նա որքա՜ն սիրուն էր այն պայծառ առավոտյան՝ թիթեռնիկների մեջտեղում, իր սպիտակ գլխարկով ու երկնագույն զգեսգտով։

Նրա մոտ մի ջահել տիկին էր նստած՝ որ մոտ քսան տարեկան կլիներ։ Անունն էր միս Միլս, իսկ Դորան նրան Ջուլիա էր անվանում։ Նա Դորայի մտերիմն էր։ Երջանի՜կ միս Միլս։

Ջիպն էլ այնտեղ էր և Ջիպը դարձյալ վրաս հաչեց։ Ջիպը նախանձից ատամները կրճտացրեց, երբ որ փունջս մատուցեցի։ Ո՞ւր կհասներ նրա զայրույթը, եթե գիտենար՝ որքան եմ պաշտում իր տիրուհուն։

― Օ՜հ, շնորհակալ եմ, մր․ Կոպպերֆիլդ։ Ինչ հիանալի ծաղիկներ են, ― ասաց Դորան։

Մտադիր էի ասել (և ասելիքս արդեն երեք ժամ առաջ անգիր էի արել), թե ես էլ փունջը հիանալի էի գտնում, քանի որ չէի տեսել այն իր ձեռքին, բայց լեզուս կապվեց։ Դորան անչափ հրապուրիչ էր։ Տեսնել նրան փնջիկն իր կարմրիկ այտին մոտեցնելիս և սքանչացումից ուշք ու միտք և որևէ բան ասելու ձիրք չկորցնել ― անհնարին էր։ Զարմանում եմ, թե ինչպե՞ս չգոչեցի․ «Սպանեցե՜ք ինձ, ով միս Միլս, եթե միայն գութ ունեք։ Թողեք մեռնեմ հենց այստեղ»։

Հետո Դորան ծաղիկներս Ջիպին տվեց հոտոտելու։ Ջիպը մռմռաց ու չուզեց հոտ քաշել։ Դորան փունջը շան դնչին սեղմեց, որ հոտոտի։ Այն ժամանակ Ջիպն ատամներով մի կռնկենու ճյուղ թրցրեց ու բզկտեց, ասես թե բռնածը մի կատու լիներ։ Հետո Դորան Ջիպին խփեց ու սասց․ «Ափսո՜ս իմ սիրուն ծաղիկներ», բայց այնպես գթոտ ասաց, որ կարծես շնիկն ինձ կծած լիներ։ Երանի թե այդպես լիներ։

― Ուրախացեք․ մր․ Կոպպերֆիլդ, ― գոչեց Դորան։ ― Այն ձանձրալի միս Մեորդստոնն այստեղ չէ։ Գնացել է իր եղբոր հարսանիքին և գոնե երեք շաբաթ մեզնից հեռու կմնա։ Ա՛յ սքանչելի բան։

Ասացի, թե իհարկե նրա համար այդ սքանչելի է, և ինչ որ նրա համար սքանչելի է, անշուշտ ինձ համար էլ սքանչելի է։ Միս Միլսը երկուսիս էլ մի գերազանց իմաստության ու հաճության ժպիտ շնորհեց։

― Չեք կարող երևակայել՝ ինչ զզվելի արարած է այն կինը, ― ասաց Դորան։ ― Չես հավատա, Ջուլիա, թե ո՛ր աստիճան չար ու դաժան է։

― Ինչո՞ւ ես կարծում, թե չեմ հավատա, ― ասաց Ջուլիան։ ― Շատ էլ լավ կհավատամ։

― Այո, դու իհարկե կհավատաս, ― ասաց Դորան, աջը նրա ուսին դնելով։ ― Ներիր սիրելիս, որ քեզ հաշվից դուրս չհանեցի։

Այդ խոսքերից հետևեցրեցի, թե միս Միլսն իր բազմածուփ կյանքի ընթացքում արդեն բավական փորձված կլինի, և այդ հանգամանքին վերագրեցի նրա բարեմիտ զգոնությունը։ Եվ հենց նույն օրը ստուգեցի, որ ենթադրությունս հիմնավոր է․ միս Միլսը դժբախտություն էր ունեցել անհույս սիրո զոհ դառնալու, և թեպետ այդ դառն ու դժվար փորձի պատճառով աշխարհից հրաժարվել էր, բայց երիտասարդների վառ սիրուն համակրելուց չէր դադարել։

Ահա մր․ Ապընլոն տանից դուրս եկավ։ Դորան վազելով դիմավորեց նրան և ասաց․

― Տե՛ս, հայրիկ, ինչ հրաշալի ծաղիկներ են։

Եվ միս Միլսը մտախոհ ժպտաց, կարծես թե ուզելով ասել․ «Օ՜հ, գարնան սիրուն ծաղիկներ, վայելեցեք ձեր վաղանցուկ գոյությունը կյանքի պայծառ արշալույսին»։ Եվ բոլորս միասին մարգը թողնելով կառքին մոտեցանք, որ արդեն պատրաստ էր։

Այդպիսի զբոսանք դեռ չէի արել, հետո էլ երբեք չեմ արել։ Կառքում նստած էին միայն նրանք երեքով․ մեջն էր նաև նրանց զամբյուղը, իմ զամբյուղն ու Դորայի կիթառը, իսկ կառքը հարկավ բաց էր, և ես ձիս քշում էի հետևից և կառքի առաջում նստած Դորան ինձ էր նայում։ Փունջս դրված էր նրա աջ կողմը՝ բարձիկի վրա, և նա Ջիպին թույլ չէր տալիս այդ կողմում նստել, որպեսզի ծաղիկները չտրորի։ Դորան շուտ֊շուտ վերցնում էր փունջն ու հոտ քաշում։ Եվ այդ միջոցին մեր աչքերը գրեթե միշտ իրար էին հանդիպում, և ես բնավ չեմ հասկանում, թե ինչպե՞ս եղավ, որ ես ոչ մի անգամ գորշ ձիուս գլխի վրայով կառքի մեջ չնետվեցի։

Ճանապարհը կարծեմ փոշոտ էր և կարծեմ շա՜տ փոշոտ։ Թույլ կերպով հիշում եմ միայն, որ մր․ Սպընլոն ինձ խորհուրդ էր տալիս կառքի փոշուց մի քիչ հեռու պահել ձիուս, բայց ես փոշի չէի տեսնում։ Տեսնում էի միայն սիրո ու գեղեցկության մշուշով պատած Դորային, ուրիշ ոչինչ։ Մր․ Սպընլոն երբեմն տեղից վեր էր կենում հարցնելու համար, թե ինչպես եմ գտնում տեսարանը։ Տեսարանը հրաշագեղ էր, ասում էի ես, և գուցե այդպես էր, բայց իմ աչքին Դորայից բացի ոչ մի բան չէր երևում։ Արեգակի շողը Դորա էր, թռչունների երգն էլ՝ Դորա։ Զեփյուռը Դորա էր շշնջում, դաշտի բոլոր ծաղիկներն էլ՝ կոկոններով միասին, ոչ այլ ինչ էին, եթե ոչ Դորա։ Մեծ սփոփանք էր սրտիս համար, որ միս Միլսը լիովին ինձ հասկանում է։ Միայն միս Միլսն էր զգացումներիս խարքը թափանցելու ընդունակ։

Չգիտեմ, մեր արշավը որքա՞ն տևեց, այսօր էլ չգիտեմ՝ մեր արշավի տեղը ո՞րն էր։ Գուցե Գիլֆորդի շրջակայքը։ Գուցե արաբական հեքիաթներից վերցված այդ կախարդական տեղը միայն մեկ օրորվ էր բացվել ու մեր վերադառնալուց հետո ընդմիշտ ծածկվել։ Դա մի կանաչ ու զառիվեր մարգագետին էր՝ շուրջանակի խիտ ծառերով ու թփերով զարդարուն․ մի հոյակա՜պ դաշտանկար։

Դժնդա՜կ բան էր մեզ սպասող մարդիկ գտնել այդ տեղում․ կանայք անգամ իմ նախանձը շարժում էին, և այս նախանձն անսահման էր։ Իսկ իմ սեռի էակները, և հատկապես այն հանդուգն խաբեբան, որ փոքր֊ինչ ինձնից տարիքով էր և շարունակ իր շիկագույն մորուքով էր պարծենում, մահու չափ թշնամի երևացին ինձ։

Բոլորս էլ մեր զամբյուղները բաց արինք ու սկսեցինք սփռոցը փռել։ Շիկամորուքը պարծենալով ասաց (և իհաեկե սուտ ասաց), թե լավ աղցան շինել գիտի, և դրանով ամենքի ուշադրությունը գրավեց։ Օրիորդներից ոմանք նրա համար հազար լվացին և նրա ցուցումով կտրատեցին։ Դորան էլ նրանց թվում էր։ Զգացի, որ ճակատագիրը այդ մարդուն իմ դեմ ախոյան է դարձրել, և մեզնից մեկը պիտի ընկնի։

Շիկամորուքի սալաթը պատրաս էր․․․ Չեմ հասկանում ինչպե՞ս կարելի էր ուտել այն։ Ես դիպչել անգամ չէի ուզում։ Այնուհետև, նա ինքն իրեն ընդհանուր մատռվակ հռչակեց, և անպիտանն այնքան հնարագետ էր, որ ամբողջ գինին մի հին ծառի խոռոչում, ինչպես մի մառանում պահեց։ Փոքր֊ինչ հետո խեցգետնի մեծագույն մասն իր պնակի մեջ դրեց և սկսեց ուտել նույնիսկ Դորայի ոտքի տակ։

Ի՞նչ պատահեց այդ անախորժ տեսարանից հետո, լավ չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ զվարթ էի, սակայն զվարճությունս շինծու էր։ Ես ջոկել էի կարմրազգեստ, փոքր աչքերով մի օրիորդի և սաստիկ աշխատում էի նրա սիրտը գրավել։ Նա սիրով էր պատասխանում ջանքերիս, բայց թե արդյոք ի՞նձ դուր գալու, թե Շիկամորուքին գրգռելու համար, չգիտեմ։ Դորայի կենացն առաջարկեցին։ Այդ բաժակը դատարկելիս ես կեղծեցի, թե միայն դրա համար եմ խոսակցությունս ընդհատում, և իսկույն սկսեցի նորից խոսել։ Դորային արևշատություն մաղթելլիս՝ նրա հայացքն աղերսական երևաց աչքիս, բայց նա Շիկամորուքի գլխի վրայով նայեց դեպի ինձ, և ես ժայռի պես անողոք մնացի։

Կարմրազգեստ օրիորդը կանաչազգեստ մայր ուներ, և այդ մայրը բաժանեց մեզ՝ ո՞վ գիտե՝ ինչ խորամանկ դիտավորությամբ։ Սակայն այդ իսկ րոպեին բոլորն էլ սկսեցին վերկենալ ու ճաշի մնացորդը հավաքել։ Ես զայրացած ու հուսահատ՝ ծառերի տակ թափառելու գնացի, և մինչ մտածում էի ― արդյոք հիվա՞նդ ձևանամ և գորշ ձիս նստեմ ու փախչեմ․․․ ինքս էլ չգիտեմ՝ դեպի ո՞ւր․․․ Դորան ու միս Միլսը մոտեցան ինձ։

― Մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց միս Միլսը, ― տխո՞ւր եք։

― Ամենևին, ներեցեք։

― Իսկ դո՞ւ, Դորա, ― ասաց միս Միլսը, ― դու հո տխո՞ւր ես։

― Բնավ ոչ։ Չեմ էլ մտածել տխրելու։

― Մր․ Կոպպերֆիլդ և Դորա, ― ասաց միս Միլսը գրեթե հանդիսավոր եղանակով։ ― Բավական է։ Մի չնչին թյուրիմացության պատճառով թույլ մի տվեք, որ թառամեն այդ գարնան ծաղիկները, որոնք մի անգամ թոշնելուց հետո էլ չեն բացվի։ Ես անցյալիս փորձից եմ խոսում, անդառնալի անցյալիս․․․ Լույս աշխարհ դուրս ցայտող կենդանի ջրի աղբերակը ներելի չէ լոկ անձնական քմահաճույքով փակել․ ներելի չէ Սահարայի զովացուցիչ օազիսն անհոգությամբ ավերել։

Ի՞նչ եղավ ինձ չգիտեմ։ Ամբողջ մարմինս կրակ ընկավ, խելքս թռավ, սակայն ես Դորայի թաթիկը բռնեցի ու համբուրեցի և նա թույլ տվեց։ Հետո միս Միլսի աջը համբուրեցի, և կարծեմ բոլորս միասին ուղղակի յոթերորդ երկինքը բարձրացանք։

Եվ էլ չիջանք այնտեղից։ Մնացինք այնտեղ մինչև երեկո, զբոսնելով այնտեղ ծառերի տակ, ես ու Դորան թև֊թևի տված, և որքան էլ հիմար թվա այս բոլորը, ո՞վ գիտե ― գուցե գերերջանիկ դառնայինք, եթե հանկարծ այս ամիտ զգացումներով անմահանայինք և հավիտյա՜ն ծառերի մեջ ման գայինք։

Բայց, ավա՜ղ, մեր ականջին շատ շուտով ծիծաղի ձայներ հասան, և մենք լսեցինք․ «Դորա, ո՞ւր է Դորան»։ Հարկ եղավ վերադառնալ, և հասարակությունը փափագ հայտնեց, որ Դորան երգի։ Շիկամորուքն արդեն պատրաստ էր կիթառը կառքից բերել․ բայց Դորան ասաց, թե կիթառի տեղը միայն ես գիտեմ։ Այս անգամ Շիկամորուքն ամոթով մնաց, և կիթառը ե՛ս բերի, ե՛ս տուփից հանեցի, ե՛ս հանձնեցի Դորային, ե՛ս նստեցի նրա կողքին, ե՛ս բռնեցի նրա թաշկինակն ու ձեռնոցները, և ե՛ս էի, որ հարբեցի նրա ձայնի քաղցրիկ ելևեջներով, և ե՛ս էի այն սիրելին, որի համար նա երգեց։ Թող ուրիշները որքա՜ն ուզեին ծափ տային, ուրիշներն ի՞նչ կապ ունեին այդ երգի հետ։

Ես ուրախությունից գինովցել էի։ Այս բոլորն ինձ մի թովչական երազ էր թվում։ Ես վախենում էի, թե այս երազը շուտով կհալածվի Բուկինգեմի փողոցում մրս․ Կրոպպի բաժակների չխչխկոցից, որ նա հանելու էր ինձ համար ընթրիք բերելիս։ Սակայն Դորան երգում էր, մյուսներն էլ երգեցին, միս Միլսն էլ երգեց «Հիշատակի քարայրում նիրհող արձագանքի» մեղեդին, հենց իմանաս մի հարյուրամյա պառավ լիներ․ երեկոն վրա հասավ, և մենք սկսեցինք թեյ խմել, գնչունեի պես ջուր եփելով ծառի տակ, և ես լիովին երջանիկ էի։

Ես ավելի ևս երջանիկ էի, երբ ամենքս վեր կացանք և մյուսները սկսեցին ցրվել պարտված Շիկամորուքի հետ միասին։ Մենք մեր ճամփով վերադարձանք։ Մի անդոր երեկո էր։ Օդը լի էր մայր մտնող արեգակի ոսկեփայլ շողերով ու ծաղիկների անուշ բուրմունքով։ Մր․ Սպընլոն շամպայնից փոքր֊ինչ թմրած, նիրհել էր կառքի անկյունում։ Օրհնվի այն հողը, ուր բուսնում է որթատունկը, օրհնվի նրա խաղողը, օրհնվի նրան հասունացնող արևը, օրհնվի նրա ողկույզների հյութը քամող մշակը և օրհնվի այդ հյութը խարդախող գինեվաճառը։ Մր․ Սպընլոն նիրհել էր, և ես կառքի մոտով արշավում էի և Դորայի հետ զրուցում։ Նա հիանում էր ձիուս վրա և իր քնքուշ մատիկներով նրա վիզը շոյում (օ՜հ, երջանիկ չորքոտանի): Երբեմն էլ Դորայի շալը չէր կամենում նրա ուսի վրա հանգիստ մնալ և պետք էր լինում, որ ես անձամբ իմ ձեռքով ուղղեմ այն։ Կարծեմ Ջիպն էլ վերջ ի վերջո հասկացել էր, թե ի՞նչ է կատարվում, և որոշել էր կամա թե ակամա հաշտվել ինձ հետ։

Եվ որքա՜ն բարի էր այն իմաստուն միս Միլսը, այն սիրելի ու սրտագետ ճգնավորը, որ արդեն քսանամյա հասակում աշխարհից հրաժարվել էր և ոչ մի պատճառով չէր ուզում «Հիշատակի քարայրում նիրհող արձագանքը» զարթնեցնել։

― Մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց միս Միլսը, ― խնդրեմ մի րոպե այս կողմ անցեք․․․ եթե կարող եք շնորհել ինձ մի րոպե։ Ձեզ ասելու բան ունեմ։

Թե տեսնեիք՝ ինչպե՜ս շուռ տվի ձիու գլուխը և միս Միլսի կողմն անցնելով, ձեռքս ոնց կառքի դռնակին դրի։

― Դորան մտադիր է, մր․ Կոպպերֆիլդ, հյուր գալ ինձ մոտ վաղը չէ մյուս օր։ Եթե դուք էլ շնորհ բերեք, հայրիկս շատ ուրախ կլինի՝ ձեզ տեսնելու համար։

Ի՞նչ կարող էի անել, եթե ոչ լռիկ մաղթել, որ երկնքի օրհնությունը միս Միլսի գլխին իջնի, և նրա հասցեն հիշողությանս ամենածածուկ անկյունում փակել։ Ի՞նչ կարող էի անել, եթե ոչ միայն ամենաջերմ խոսքերով ասել, թե անչափ շնորհապարտ եմ իր բարեսեր ծառայության համար և մեծապես գնահատում եմ նրա ազնիվ մտերմությունը։

Այնուհետև միս Միլսը քաղցր ժպիտով արձակեց ինձ ու ասաց․

― Այժմ Դորայի կողմը գնացեք։

Եվ գնացի։ Ու Դորան կառքից դուրս թեքվեց հետս խոսելու, և մենք ամբողջ ճանապարհին զրուցում էինք, և ես իմ ձին կառքի անիվին այնքան մոտիկ էի քշում, որ նրա առջևի մի ոտքի կաշին քերծվեց, և մյուս առավոտյան տերն ասաց, թե ձիու ոտքից «երեք ստեռլինգ ու յոթ շիլինգի կաշի է քերթվել», ― որը և իսկույն վճարեցի, մտածելով որ դա մի չնչին գին է այնքան մեծ ուրախության փոխարեն։ Այդ միջոցին միս Միլսը լուսնին էր նայում, ոտանավորներ մրմնջում երևի այն հին օրերը հիշելով, երբ նա ու երկիրը դեռ իրարից չէին բաժանվել։

Նորվուդը շատ շուտ մոտեցավ մեզ, և մենք շատ շուտ հասանք նրան․ բայց մր․ Սպընլոն ավելի վաղ սթափվեց և ասաց․ «դուք ներս կգաք, Կոպպերֆիլդ, և կհանգստանաք»։ Ես էլ մտա, և մենք սենդուիչ, գինի ու ջուր վայելեցինք։ Վարդագույն Դորան լուսավոր սենյակում այնպես էր փայլում, որ չէր կարելի պոկ գալ նրանից, և ես ակնապիշ նրան նայելով նստած էի, և նստած էլ կմնայի, եթե մր․ Սպընլոյի հազը բավական պարզ չհիշեցներ, թե արդեն մեկնելու ժամամանակն է։ Հրաժեշտ տվի ու հեռացա, և դեպի Լոնդոն արշավելիս ձեռքիս մեջ զգում էի Դորայի աջի սեղմումն ու հազար անգամ մտաբերում նրա ասած ամեն մի բառը։ Եվ վերջապես, երբ անկողին մտա, ես նման էի մի հափշտակված պատանու, որ սիրո տենդից բոլոր հինգ զգայարաններն էլ կորցրել է ու խենթացել։

Երբ առավոտյան վեր կացա, որոշեցի սերս Դորային հայտնել և ճակատագիրս իմանալ։ Երջանիկ լինել կամ թշվառ ― այս էր այժմ խնդիրը։ Դրանից զատ մի ուրիշ խնդիր ինձ համար չկար աշխարհումս, և պատասխանը միայն Դորան կարող էր տալ։ Երեք օր, երեք գիշեր սարսափելի տանջանքի մեջ անցկացրի և ինքս ինձ չարչարեցի, հազար տեսակ վհատական մեկնություն տալով այն բոլորին, ինչ որ պատահել էր մեր միջև։ Վերջապես այդ առիթով վայելուչ կերպով պճնվելու համար ահագին ծախս անելուց հետո՝ միս Միլսի մոտ գնացի։

Ավելորդ է պատմել, թե քանի՜ անգամ վեր ու վար անցա փողոցով և հրապարկի շուրջը պտույտ եկա, մինչև որ սիրտ արի ձեռքս միս Միլսի դռան հնչակին դնելու։ Եվ երբ վերջ ի վերջո քաշեցի, մի վայրկյան մտքովս անցավ (խեղճ Բարկիսին հետևելով) հարցնել ― արդյոք սա չէ՞ մր․ Բլեկրոյի բնակարանը, ներողություն խնդրել ու կորչել։ Բայց այդ հիմարությունը չարի։

Մր․ Միլսը տանը չէր։ Չէր էլ սպասվում, թե կլինի։ Եվ ո՞ւմն էր նա հարկավոր։ Բավական էր, որ տանն է միս Միլսը։

Ինձ վերևի դահլիճը առաջնորդեցին, ուր նստած էին միս Միլսն ու Դորան։ Ջիպն էլ այնտեղ էր։ Միս Միլսը նոտաներ էր արտագրում (դա «Սիրո համերգ» անունով մի նոր ռոմանս էր)․ Դորան ծաղիկներ էր նկարում, և այն իսկ ծաղիկները, որ գնել էի Կովընտ Գարդնի շուկայում։ Չեմ կարող ասել, թե նմանությունը շատ մեծ էր և կամ թե այդպիսի ծաղիկներ երբևէ տեսած լինեի, բայց փաթեթի թուղթը շատ ճիշտ էր ընդօրինակված։

Միս Միլսը շատ ուրախացավ ինձ տեսնելով ու շատ ափսոսաց, որ իր հայրը տանը չէ, թեև կարծեմ բոլորս էլ կարող էինք այդ բացակայությանը բավական արիությամբ դիմնալ։ Միս Միլսը մի քանի րոպե մեր խոսակցությանը մասնակցեց և հետո իր գրիչը «Սիրո համերգի» վրա դնելով, վեր կացավ ու դուրս գնաց։

Սկսեցի մտմտալ, թե արդյոք ասելիքս վաղվան չթողնե՞մ։

― Անցյալ երեկո ձեր ձին կարծեմ շատ հոգնեց, ― ասաց Դորան, սիրուն աչքերը բարձրացնելով։ ― Ճանապարհը շատ երկար էր նրա համար։

Սկսեցի մտածել, թե լավ կլիներ ասելիքս իսկույն ասել։

― Այո, նրա համար շատ երկար էր, ― ասացի ես, ― որովհետև ճանապարհին նա կազդուրիչ սփոփանք չուներ։

― Մի՞թե խեղճին ուտելու բան չէին տվել, ― գոչեց Դորան։

Մտքովս անցավ, թե լավ կլինի հետաձգել մյուս օրը։

― Ինչպես չէ․․․ շատ էլ կուշտ էր, ― ասացի ես։ ― Ոզում էի միայն ակնարկել, թե նա զուրկ էր այն անասելի երջանկությունից, որ ես էի զգում ձեր կողքին արշավելիս։

Դորան գլուխը նկարին մոտեցրեց և մի կարճատև լռությունից հետո (որի ժամանակ ես տենդով այրվում էի և ոտքերս քարացել էին) ասաց․

― Կարծեմ դուք էլ օրվա մի մասում այդ երջակություն շատ չէիք զգում․․․

Տեսա, որ ճգնաժամը հասել է և իսկույն պետք է ճակատագիրս որոշել։

― Ամենևին չէր երևում, որ դուք այդ երջանկության մասին շատ էիք մտածում․․․ երբ միս Կիտտի մոտ էիք նստած, ― ասաց Դորան, հոնքերը թեթև կիտելով ու գլուխը շարժելով։

Պետք է ասել, որ միս Կիտտը կանաչազգեստ մայրիկի կարմրազգերստ դստրիկն էր։

― Թեև չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, թե ինչո՞ւ եք երջանկություն անվանում այդ, ― ասաց Դորան։ ― Ինքներդ էլ երևի չգիտեք, թե ի՞նչ եք ասում։ Սաակայն թե ի՛նչ էլ ասեք, ի՛նչ էլ անեք, ինձ համար բոլորը մեկ է։ Ջի՜պ, անպիտան տղա, աստեղ եկ։

Չգիտեմ, թե ինչպե՞ս արի, բայց ամեն բան մի վայրկյանում վերջացավ։ Ես Ջիպի ճանապարհը կտրեցի։ Ես Դորայի վզով փարվեցի։ Ես ճարտասանության շնորհ ստացա։ Բառերն իմ շրթունքից հոսում էին։ Ես ասացի Դորային, թե սիրում եմ նրան։ Ես ասացի, թե կմեռնեմ առանց նրա։ Ես ասացի, թե պաշտում եմ նրան։ Ջիպն անդադար կտրտվելով հաչում էր։

Երբ Դորան գլուխը կախեց ու դողալով լաց եղավ, իմ լեզուն ավելի բացվեց։ Ասացի նրան, եթե ուզում է որ մեռնեմ, բավական է՝ մի խոսք ասի, և ես իսկույն կմեռնեմ։ Կյանքն առանց Դորայի սիրո ինձ համար արժեք չունի։ Այդպիսի կյանք ո՛չ կտանեմ, ո՛չ էլ կուզեմ։ Նրան տեսնելու րոպեից սկսած ես նրան սիրել եմ ամեն ժամ, ամեն վայրկյան, օր ու գիշեր հանապազ։ Այժմ էլ մոլեգին սիրով եմ սիրում և ամեն վայրկյան մոլեգնաբար սիրելու եմ։ Առաջ էլ եղել են սիրահարներ, հետո էլ կլինեն, բայց ոչ մի ժամանակ սիրահարը այնպես չի սիրել, չի կարող սիրել, չի սիրում, չպիտի սիրի, ընդունակ էլ չի սիրելու, ինչպես որ ես եմ սիրում Դորային։ Եվ որքան ես զառանցում էի, Ջիպն էլ այնքան հաչում էր։ Երկուսս էլ զանազան կերպով ճգնում էինք ցույց տալ, թե ո՞վ է մեզնից ավելի գժված։

Այդպես։ Վերջ ի վերջո ես հոգնեցի, և ահա Դորան ու ես բազմոցի վրա հանգիստ նստած էինք։ Ջիպն էլ նրա գոգում պառկած՝ աչքերը հանդարտ վրաս էր քթթում։ Հոգուս բեռն ընկել էր։ Ես լիովին երջանիկ էի։ Դորան ու ես արդեն երդումով իրար հետ կապված էինք։

Երկուսս էլ կարծես աղոտ կերպով զգում էինք, թե այս բոլորը հարսանիքով կվերջանա։ Զգում էինք, թե առանց Դորայի հոր հոժարության մեզ անկարելի կլինի ամուսնանալ։ Սակայն չեմ պնդի, թե մեր պատանեկան հրճվանքի մեջ շատ ընդունկ լինեինք ետ ու առաջ նայելու․ մենք գոհ էինք ներկայով։ Մենք վճռեցինք մեր գաղտնիքը մր․ Սպընլոյից ծածուկ պահել, թեև հավատացած եմ, որ այն ժամանակ մտքովս անգամ չէր անցել, թե մեր արարքի մեջ կարելի լիներ գեթ որևէ անազնիվ բան նշմարել։

Միս Միլսը սովորականից ավելի մտախոհ էր, երբ Դորան նրան գտնելու գնաց և ետ բերեց։ Պետք է ենթադրել, թե հիշողության քարայրի նիրհած արձագանքը սթափված կլիներ նոր դեպքից։ Բայց և այնպես միս Միլսը մեր սերն օրհնեց, մեզ հավիտենական բարեկամություն ուխտեց և առհասարակ մի այնպիսի ձայնով խոսեց, որ ասես թե ձայնը վանքի խորքից հնչելիս լիներ։

Ի՜նչ ցնորական ժամանակ։ Որքա՜ն ունայն, անիրական և երջանիկ ժամանակ։

Ի՜նչ կարող էր հավասարվել իմ զգացած երանության հետ, երբ Դորայի մատի չափն առա, որսկերչի մոտ գնացի մի մատանի պատվիրելու Չմոռանաս ինձ փորագրով։ Ոսկերիչը միտքս իսկույն գուշակեց ու սիրով ժպտաց։ Մատանին պիտի անմոռուկի կապույտ ակներով ընդելուզեր։ Նրա հիշատակը մտքիս մեջ այն աստիճան միացած էր Դորայի հետ, որ դեռ երեկ, երբ պատահմամբ իմ հարազատ աղջկա մատին իսկ և իսկ մի այդպիսի մատանի տեսա, սիրտս մի վարկեանական ցավով թնդաց։

Ինձնից ավելի երջանիկ մարդ կա՞ր արդյոք, երբ սրտիս գաղտնիքով փքված ու Դորայի սիրով վերացած՝ ասես թե օդի մեջ էի սավառնում և կարեկից աչքով նայում գետնի երեսին սողացող թշվառ մարդկանց։

Իսկ մեր հանցիպումնե՜րը քաղաքային պարտեզում։ Մեր երես առ երես տեսակցությունները ստվերապատ ու փոշոտ տաղավարում, ուր այնքա՜ն երջանիկ էի, որ Լոնդոնի հասարակ ճնճղուկներն անգամ դրախտահավ էին թվում աչքիս, որովհետև մեր ցնորքների միակ վկան նրա՜նք էին։

Մեր առաջին գժտումը նշանտուքից ճիշտ մի շաբաթ անց եղավ, և Դորան մատանին ինձ ետ ուղարկեց մի եռանկյունի տոմսակով, ուր այս սոսկալի խոսքերն էին գրված, թե «Մեր սերը հիմարությամբ սկսվեց և խելագարությամբ վերջացավ», ― զարհուրելի խոսքեր, որոնք ստիպեցին ինձ լաց լինել ու մազերս փետել գոչելով՝ «Պրծա՜վ․․․ Օ՜հ, որքա՜ն կյանք, որքա՜ն հուզմունք, որքա՜ն հրապույր այդ բոլորի մեջ»։

Ամբողջ օրը լաց լինելուց հետո՝ երեկոյան վազելով գնացի միս Միլսի մոտ ու նրա հետ մի թաքուն տեսակցություն ունեցա խոհանոցի մութ անկյունում, լվացքի տաշտի հետևը։ Այստեղ ես աղաչեցի նրան հաշտահար միջնորդ լինել մեր միջև և փրկել ինձ մահվանից։

Միս Միլսը այդ պաշտոնը հանձն առավ, գնաց Դորային կանչեց և իր բազմավիշտ երիտասարդության ամբիոնից երկուսիս էլ հորդոր կարդաց՝ փոխադարձ զիջումներ անել և փախչե՜լ Սահարայի անապատից։

Օ՜հ, ինչքան լաց եղանց, հեկեկացինք, և երբ լիովին հաշտվեցինք, խոհանոցը իր տաշտով ու բոլոր անոթներով նույնիսկ սիրո տաճար դարձավ։ Այնտեղ էր, որ մի ծածուկ թղթակցության մասին պայման դրինք, թղթակցության, որ միս Միլսի միջնորդությամբ պիտի կատարվեր։ Պայմանն էր ― երկու կողմից առնվազն ամեն օր մի նամակ գրել։

Ի՜նչ ցնորական ժամանակ։ Որքա՜ն ունայն, անիրական և երջանիկ ժամանակ։ Կյանքիս բոլոր տարիները մեկ֊մեկ վերհիշելիս՝ ոչ մեկը չեմ տեսնում, որի հիշատակը այդքա՜ն իմ ժպիտը շարժեր և սիրտս հուզեր, որքան այդ օրերը։


ԺԴ․ գլուխ

Տատս ապշեցնում է ինձ


Դորայի և իմ նշանտուքի մասին ես իսկույն նամակով հայտնեցի Ագնեսին։ Գրեցի նրան մի երկար նամակ, որի մեջ աշխատում էի հասկացնել, թե որքա՜ն երջանիկ եմ և ի՜նչ հոգյակ է Դորան։ Աղաչում էի Ագնեսին այս սերս մի սնոտի կիրք չհամարել, որ կարող էր մի ուրիշ կրքի տեղի տալ և կամ այն երևակայական քմահաճույքներին նմանվել, որոնց վրա ծիծաղում էինք։ Պնդում էի, թե սիրուս խորությունն անհատակ է, և վստահություն հայտնում, թե այսպիսի բան ոչ մի ժամանակ տեսնված չէ։

Մի գեղեցիկ երեկո, մինչ պատուհանիս մոտ նստած, մտքիս մեջ նրա վճիտ, հեզիկ աչքերն ու քաղցրիկ դեմքը պատկերացնելով, նամակ էի գրում Ագնեսին, հանկարծ նրա տեսքը այնպես ամոքիչ ազդեցություն արեց այն տենդագին հույզերիս վրա, որոնք վերջերս ինձ ալեկոծել էին, ― որ ես սկսեցի լաց լինել։ Հիշում եմ, որ նոր էի հասել նամակի կեսին, երբ գլուխս ձեռքիս դեմ տալով սկսեցի երևակայել, թե Ագնեսն իմ ընտանեկան հարկի անհրաժեշտ տարրերից մեկն է, թե այդ լռիկ հարկի տակ, որ նրա ներկայությամբ սրբագործված կլինի, ես ու Դորան ավելի երջանիկ կյանք կվարենք, քան մի ուրիշ տեղ։ Ինձ թվում էր, թե ինչ զգացում էլ սրտիս տիրի՝ սեր, խնդություն, վիշտ, հույս, հիասթափում, ― սիրտս միշտ այդ հարկին կձգտի և նրա մեջ իր լավագույն ապաստանն ու ընկերը կգտնի։

Ստիրֆորթի մասին ոչ մի բան չգրեցի։ Ակնարկեցի միայն, թե Էմլիի փախուստի պատճառով Յարմաութում սաստիկ տխրել են և թե ես էլ այդ դեպքի հարակից հանգամանքների պատճառով կրկնակի ցավ եմ զգում։ Հավատացած էի, որ Ագնեսն իր նուրբ մտքով ճշմարտությունը կգուշակի և երբեք առաջինը խոսք չի բանա Ստիրֆորթի մասին։

Նամակիս պատասխանը հետևյալ փոստատարով ստացա։ Կարդալով այն կարծես լսում էի Ագնեսի անուշիկ ձայնը, նրա սփոփիչ խոսքերը։ Էլ ի՞նչ ասեմ ավելի։

Իմ վերջին բացակայության ժամանակ Տրեդլսը երկու֊երեք անգամ եկած է եղել իձն տեսնելու։ Նա բնակարանումս գտել է Պեգգոտիին, և Պեգգոտին պատմել է նրան (ինչպես որ պատրաստ էր ամենքին պատմել, եթե միայն լսող լիներ), թե ինքն իմ դայակն է, և Տրեդլսը այդ լսելով, շտապել է ծանոթանալ նրա հետ և փոքր֊ինչ նստել՝ իմ մասին խոսելու համար։ Այդպես ասաց Պեգգոտին․ հիմք ունեմ սակայն կարծելու, թե այդ միջոցին խոսողը միայն Պեգգոտին կլիներ, այն էլ ասելիքը շատ երկարացնելով, որովհետև նա ― աստված հոգին լուսավորի ― չէր կարող կարճ կտրել, երբ իմ մասին խոսք էր լինում։

Տրեդլսի անունը հիշեցրեց ինձ, թե պարտավոր եմ սպասել նրան իմ նշանակված երեկոյին, որը արդեն հասել էր և թե մրս․ Կրոպպը մի քանի ժամանակից ի վեր բոլորովին դադարել էր իր պաշտոնը կատարելուց (բացի ամսականը ստանալուց). նա ուզում էր, որ Պեգգոտին չքվի իմ բնակարանից։ Մրս․ Կրոպպը մի քանի անգամ սանդուղքի տակ այդ նյութի մասին շատ բարձրաձայն խոսելուց հետո, ― երևի թե մի ուրվականի հետ էր խոսում, քանի որ խոսելուց մենակ էր, վերջապես, ինձ մի գրություն ուղարկեց, որի մեջ իր միտքն էր բացատրում։ Նամակը մի ընդհանուր առաջաբանով էր սկսվում, որ սովոր էր իր կայնքի ամեն դեպքերում գործ դնել, այսինքն՝ թե ինքն էլ մայր է, և հետո գալիս էր ասելու, թե իր կյանքում շատ բան է կրել, բայց միշտ ատելով ատել է չտեսներին, բանսարկուներին, բամբասողներին, մանավանդ երբ դրանք մի այրի կնոջ սգազգեստ են հագած եղել (այս խոսքերն ընդգծված էին)։ Եթե այդ լրտեսներին, բանսարկուներին, բամբասողներին մի ջենտլմեն է զոհ դառնում (դարձյալ ոչ մի անուն) այդ նրա գիտենալու բանն է, ինչ ուզում է թող անի։ Բայց եթե ինքը, մրս․ Կրոպպը, ուրիշ ոչինչ չի ուզում, միյան թե հեռու լինել այդպիսինների հետ «որևէ հարաբերություն» ունենալուց։ Այս պատճառով նա կխնդրեր՝ երկրորդ հարկում ծառայելու պարտքից ազատել իրեն, մինչև որ իրերի նախկին վիճակը վերահաստատվի, որ շատ ու շատ ցանկալի է։ Ի վերջո հարում էր, թե իր փոքրիկ հաշվեգիրն ամեն շաբաթ առավոտ նախաճաշի սեղանի վրա կգտնվի, և ես բարի կլինեմ հաշիվներն իսկույն մաքրելու, որպեսզի ապագայում կողմերի մեջ ոչ մի անհանգստություն չծագի, և որ մի անպատեհ թյուրիմացություն առաջ չգա։

Այդ վճռական քայլից հետո մրս․ Կրոպպը բավական համարեց զանազան որոգայթներ դնել սանդուղքի վրա, գլխավորապես կճուճներից ու կժերից, Պեգգոտիի ոտքը կոտրելու համար։

Ինձ էլ վտանգ էր սպառնում այս պաշարման վիճակը, բայց վախենալով մրս․ Կրոպպից, ստիպված էի համբերել։

― Սիրելի Կոպպերֆիլդ, ― գոչեց Տրեդլսը, որ այդ բոլոր արգելքներին չնայելով, հնար էր գտել որոշված ժամին իմ սենյակը մտնելու, ― ինչպե՞ս ես։

― Շատ ուրախ եմ, սիրելի Տրեդլս, որ վերջապես տեսնում եմ քեզ։ Ցավում եմ, որ անցյալ անգամ տանը չէի․ շատ էի զբաղված․․․

― Այո, այո, գիտեմ, ― վրա բերեց ընկերս։ ― Քոնը կարծեմ Լոնդոնում է ապրում։

― Ի՞նչ։ Այդ ո՞վ է։

― Ներիր խնդրեմ․․․ Կարծեմ միս Դ֊ն է Լոնդոնում ապրում, ― ասաց Տրեդլսը կարմրելով։

― Այո, Լոնդոնի մոտերքում։

― Իսկ իմը, գուցե հիշես․․․ այն տասը քույրերից մեկը․․․ Դևոնշիրումն է բնակվում։ Ուրեմն այդ տեսակետից՝ ես քո չափ եմ զբաղված։

― Զարմանում եմ, թե ինչպե՞ս ես կարողանում այդքան ուշ֊ուշ տեսնել նրան։

― Ա՜հ, ― ասաց Տրեդլսը մտախոհ, ― ես ինքս էլ եմ զարմանում։ Բայց երևի պատճառն այն է, Կոպպերֆիլդ, որ ուրիշ ճար չկա ― շատ հեռու է։

― Գուցե այդ լինի, ― պատասխանեցի ժպտալով ու կարմրելով։ Բայց ևս ավելի քո հաստատամտությունն ու համբերությունը կլինի։

― Մի՞թե, ― հարցրեց Տրեդլսը, խոսքերիս վրա մտածելով։ ― Մի՞թե կարծում ես, Կոպպերֆիլդ, թե ես իրոք հաստատամիտ ու համբերող եմ։ Ամենևին չէի իմանում։ Բայց նա մի այնպիսի չնաշխարհիկ աղջիկ է, որ գուցե ինձ էլ իր առաքինությունների մի մասը հաղորդած լինի։ Չես կարող երևակայել, Կոպպերֆիլդ, թե ինչ պատվական աղջիկ է։ Նա միշտ իրեն մոռանում է և միայն մյուս իննի հոգսն է քաշում։

― Ավագը նա՞ է, ― հարցրի ես։

― Ոչ, ոչ, ավագը մի կատարյալ գեղեցկուհի է։

Տրեդլսը կարծեմ նկատեց, որ ես այդ պարզամիտ պատասխանը լսելով ակամա ժպտացի, ուստի ինքն էլ ժպտալով ասաց․

― Այդ չի նշանակում, թե Սոֆին էլ․․․ սիրուն անուն է չէ՞, Կոպպերֆիլդ։

― Շատ սիրուն։

― Այդ չի նշանակում, թե Սոֆին էլ իմ աչքում գեղեցիկ չէ․․․ ում աչքին ասես նա հրաշալի աղջիկ կերևա․ ես վստահ եմ այդ մասին։ Բայց երբ ասում եմ, թե անդրանիկը մի գեղեցկուհի է, պիտի իմանաս (և Տրեդլսը սկսեց երկու ձեռքով ամպեր նկարել իր շուրջը), որ նա իրոք․․․ մի փառավոր բան է, ― շեշտելով վերջացրեց Տրեդլսը։

― Իրա՞վ։

― Ճիշտ եմ ասում, մի աննման գեղեցկուհի, ― ասաց Տրեդլսը։ ― Նա ստեղծված է ամենաշքեղ հասարակության մեջ փայլելու և ամենքին շլացնելու համար, բայց նյութական կարիքներից ճնշված մարդամեջ է մտել․․․ գիտե՞ս, փոքր֊ինչ պահանջկոտ է։ Սոֆին է միայն նրա սիրտը շահում։

― Սոֆին ամենից կրտսե՞րն է, ― հարցրի ես։

― Ոչ, ինչպես կարելի է, ― ասաց Տրեդլսը, իր կզակը շփելով։ ― Երկու կրտսերները դեռ ինը֊տասը տարեկան երեխաներ են։ Սոֆին նրանց դաստիարակն է։

― Ուրեմն Սոֆին երկրո՞րդն է։

― Ոչ, ― ասաց Տրեդլսը։ ― Երկրորդը Սառան է։ Խեղճի ողնաշարը վնասված է։ Բժիշկների ասելով՝ հիվանդությունը կանցնի, բայց մինչև որ անցնի, խեղճը դեռ տասներկու ամիս անկողնում ընկած պիտի մնա։ Սոֆին է խնամում նրան։ Սոֆին չորրորդն է։

― Մայրը կենդանի՞ է։

― Այո, կենդանի է։ Եվ մի պատվական խելացի կին է, բայց չի կարողանում խոնավ օդին դիմանալ և բոլորովին անդամալույծ է։

― Խեղճ կին, ― գոչեցի ես։

― Իրավ որ խեղճ, ― կրկնեց Տրեդլսը։ Բայց այնուամենայնիվ, տան գործերն այնքան էլ վատ չեն, ինչքան որ կարելի էր կարծել, որովհետև Սոֆին նրան փոխարինում է։ Սոֆին նույնքան մայր է իր մոր համար, որքան և մյուս իննի համար։

Ես հիացած մնացի այդ երիտասարդ օրիորդի բազմաթիվ առաքինություններից և մի անկեղծ փափագ զգացի զգուշացնել ընկերոջս, որ նա իր բարությամբ մի քանի անձերից ի վնաս իր ապագայի չխաբվի․ հարցրի թե ինչպե՞ս է մր․ Միկաբրը։

― Շատ առողջ, ― ասաց Տրեդլսը։ ― Այժմ ես նրա մոտ չեմ բնակվում։

― Ո՞չ։

― Ո՛չ։ Բանն այս է, ― շարունակեց Տրեդլսը կամացուկ, ― որ նա գործերի ժամանակավոր խանգարման պատճառով իր անունը փոխել է և այժմ կոչվում է Մորտիմեր։ Միայն երեկոներն է դուրս գալիս, այն էլ քթին ակնոց դրած։ Նորերս մեր տան գույքերը գրավեցին տան վարձագնի փոխարեն։ Մրս․ Միկաբրը այնպես հուսահատ դրության մեջ էր, որ ես անկարող էի այն երկրորդ մուրհակը չստորագրել, որի մասին խոսել էինք։ Բայց թե իմանայիր, Կոպպերֆիլդ, ի՞նչ ուրախություն զգացի, երբ գործը այդ մուրհակով վերջացավ և մրս․ Միկաբրը նորից լիովին սիրտ առավ։

― Հը՜մ։

― Ափսո՜ս միայն, որ նրա երջանկությունը կարճ տևեց, ― շարունակեց Տրեդլսը, ― որովհետև յոթ օր չանցած՝ մի երկրորդ գրավ տեղի ունեցավ։ Դա նրանց տնտեսությունը բոլորովին քանդեց։ Այն օրից ի վեր ես առանձին եմ բնակվում մի կահավորված սենյակում, իսկ Մորտիմերի գերդաստանը քաշվել է մի ծածուկ տեղ։ Հուսամ անձնասեր չես անվանի ինձ, Կոպպերֆիլդ, եթե ասեմ, որ մակլերը, իրեղենները գրավելիս, իմ մարմարե կլոր սեղանն էլ Սոֆիի ծաղկամանի հետ առավ տարավ։

― Ի՜նչ անգթություն, ― գոչեցի ես բարկանալով։

― Այո․․․ փոքր֊ինչ անգութ վարմունք էր, ― ասաց Տրեդլսը շուրթերը թեթև ծռելով։ ― Սակայն նրան մեղադրելու մտքով չեմ ասում այդ։ Բանն այս է, Կոպպերֆիլդ, որ գրավի ժամանակ ես չկարողացա իրերս փրկել, որովհետև նախ՝ մակլերը, տեսնելով որ նշանակություն եմ տալիս իրերին, մի սարսափելի գին ուզեց, երկրորդ, որ փողերս արդեն վերջացել էին։ Բայց այն օրից ի վեր աչքս մակլերի կրպակի վրա է, ― ասաց Տրեդլսը հրճվելով այդ գաղտնիքից։ ― Կրպակը Տոտընհեմի Արքունի փողոցումն է գտնվում, և ես այսօր իմացա, որ իրերս արդեն վաճառքի են հանել։ Այդ ես փողոցի հակառակ կողմից թաքուն դիտեցի, որովհետև, գիտես, եթե մակլերը ինձ նկատի, ով գիտի ի՞նչ ահագին գին կուզենա․․․ Տես թե այժմ երբ փող ունեմ, ինչ երևելի բան եմ մտածել, Կոպպերֆիլդ, որ անպատճառ գլուխ կգա, եթե դու չըննդիմանաս։ Խնդրիր դայակիդ, միասին գնանք․․․ Ես փողոցի անկյունից կրպակը նրան ցույց կտամ․․․ նա մենակ ներս կմտնի՝ իբր թե իր համար իմ իրերը գնելու, և էժան գնով կառնի։

Ամենաթարմ հիշատակներիս շարքից են Տրեդլսի այն բերկրանքը, որով բացատրում էր իր գյուտը, և այն զվարճությունը, որ զգում էր իր խորամանկությունը ցույց տալիս։

Ասացի նրան, թե դայակս ուրախությամբ հանձն կառնի օգնել նրան և թե մենք երեքս էլ միասին գործի կկպչենք, միայն թե մեկ պայմանով։ Պայմանն այս էր, որ նա մի հանդիսավոր երդում տա, թե այլևս ոչ մի բան մր․ Միկաբրին փոխ չի տա՝ ոչ իր անունը, ոչ էլ դրամը։

― Արդեն երդվել եմ, սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց Տրեդլսը, ― որովհետև զգացել եմ, որ ոչ միայն անզգույշ էի, այլև ուղղակի Սոֆիի առջև հանցավոր։ Այդ մասին միամիտ եղիր․ ինչպես որ ես ինձ եմ երդվել, այնպես էլ քեզ եմ երդվում ամենայն սիրով։ Առաջին թշվառ մուրհակն արդեն վճարել եմ։ Տարակույս չկա, որ մր․ Միկաբրը ինքն էլ կվճարեր, եթե միայն փող ունենար, բայց չուներ։ Պիտի ասեմ քեզ, Կոպպերֆիլդ, որ նրա բնավորության մեջ մի շատ դուրեկան բան եմ տեսնում։ Երկրորդ մուրհակի վճարման ժամկետը դեռ չի հասել։ Բայց նա չի ասում ինձ, թե հոգացե՞լ է այդ մասին, թե՞ անպատճառ պիտի հոգա։ Իրավ, որ դա մի ազնիվ ու պարզ վարմունք է, չէ՞։

Չկամեցա ազնիվ բարեկամիս հավատը խախտել և հավանություն ցույց տվի նրան։ Դարձյալ փոքր ինչ զրուցելուց հետո միասին գնացինք նպարավաճառի խանութը՝ մեր դավադրությանը մասնակից անելու դայակիս։ Տրեդլսը չուզեց երեկոն ինձ մոտ անցկացնել․ առաջինը՝ վախենում էր, թե իր գույքն իր գնելուց առաջ մեկ ուրիշի ձեռքը կընկնի, երկրորդ՝ երեկոն նրան հարկավոր էր, որովհետև նա սովոր էր միշտ այդ ժամանակ նամակ գրել աշխարհիս ամենալավ օրիորդին։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր նա նայում Տոտտնհեմի Արքունի փողոցի անկյունից, մինչ Պեգգոտին գին էր դնում իրերին, և ինչպես սոսկաց, երբ Պեգգոտին կրպակից ծանրաքայլ ելավ՝ առանց իրերը բերելու, և դալալի կանչելով, հետո նորից ներս մտավ։ Վերջ ի վերջո Պեգգոտին մի չափավոր գնով իրերը գնեց, և Տրեդլսի ցնծությունն անչափ էր։

― Անչափ շնորհակալ եմ ձեզնից, ― ասաց Տրեդլսը, լսելով թե իրերը հենց այդ իրիկուն իր բնակարանը պիտի ուղարկեն։ ― Բայց մի ուրիշ բան էլ կուզեի խնդրել, և հուսով եմ, Կոպպերֆիլդ, որ խնդիրքս քեզ անմիտ չի թվա։

― Հարկավ ոչ, ― ասացի ես։

― Ուրեմն, ― շարունակեց Տրեդլսը, Պեգգոտիին դիմելով, որ ծաղկամանը հենց այս րոպեիս դուրս բերի։ Ես ինքս այն տուն կտանեմ (չէ՞ որ, Կոպպերֆիլդ, Սոֆիիս է պատկանում)։

Պեգգոտին այդ խնդիրն էլ սիրով կատարեց։ Տրեդլսը հազար շնորհակալություն հայտնեց նրան և ծաղկամանը սրտին սեղմած՝ անասելի բերկրությամբ ու հրճվանքով անհետացավ Տոտտնհեմի փողոցից։

Իսկ Պեգգոտին ու ես դեպի իմ բնակարանը ճանապարհ ընկանք։ Սակայն մեր վերադարձը երկար տևեց, որովհետև խանութները չափազանց հրապուրում էին դայակիս․ նա ամեն մի քայլին կանգ էր առնում ցուցափեղկերում շարված բաները դիտելու և իր հիացումը հայտնելու համար։ Հետևաբար արդեն ուշ էր, երբ որ Ադելֆի հասանք։

Սանդուղքով բարձրանալիս երկուսս էլ զարմանքով նկատեցինք, որ մրս․ Կրապպի որոգայթներն ու թակարդները հանկարծակի կորել են, և բացի այդ՝ աստիճանների վրա մարդկային քայլի նոր հետքեր են նշմարվում։ Մեր զարմանքը ավելի սաստիկ եղավ, երբ վեր բարձրանալով՝ սենյակիս դուռը, որ դուրս գալիս փակել էի, բաց գտնաք և ներսից զանազան ձայներ լսեցինք։

Մենք ապշած շվարած իրար նայեցինք, լուռ հարցնելով, թե ի՞նչ է այդ, ու ներս մտանք։ Որքան զարմացա ես, երբ այնտեղ, ուր ամենևին չէի սպասում մարդ տեսնելու, ― հանկարծ տատիս ու մր․ Դիկին տեսա։ Տատս բազմաթիվ կապոցների մեջտեղն էր նստած, որպես մի իգական Ռոբինզոն, և թեյ էր անուշ անում․ թռչունների վանդակը դիմացն էր, իսկ իր կատուն՝ ծնկների վրա։ Մր․ Դիկը ավելի շատ հակերով շրջապատված՝ մտախոհ զննում էր մի ահագին ֆռռան, որի նմանը նա ու ես շատ անգամ էինք բաց թողել։

― Տատիկս, ― գոչեցի ես։ ― Ա՛յ անակնկալ ուրախություն։

Ջերմ֊ջերմ համբուրվեցինք․ մր․ Դիկն ու ես ամուր սեղմեցինք միմյանց ձեռքերը և մրս․ Կրոպպը, որ թեյ էր լցնում ու շատ ուշադրիր էր դեպի մեզ, եռանդով ասաց, թե նախապես գիտեր, թե մր․ Կոպպերֆիլդն ուրախությունից կերջանկանա՝ ազգականներին տեսնելով։

― Հե՜յ, գոչեց տատս Պեգգոտիին, որ սարսռում էր նրա ահեղ ներկայությունից։ ― Դուք ինչպե՞ս եք։

― Հիշո՞ւմ ես տատիս, Պեգգոտի, ― ասացի ես։

― Աստծու սիրուն, որդյակ իմ, ― աղաղակեց տատս, ― այդպիսի հեթանոսական անուն մի տար այդ կնոջը։ Քանի որ մարդի գնալով իր անունը փոխել է և շատ լավ է արել, էլ ինչո՞ւ եք առաջվա պես անվանում նրան։ Ինչպե՞ս է ձեր այժմյան ազգանունը․․․ Պ, ― ասաց տատս, այդ կրճատումը գործ դնելով իր ասած անվան տեղ։

― Բարկիս, տիրուհի, ― պատասխանեց Պեգգոտին ու գլուխ տվեց։

― Լավ, այդ գոնե մի մարդկային անուն է և միսիոների կարոտ չէ, որ փոխվի մկրտությամբ։ Ուրեմն բարով ձեզ, Բարկիս։ Ինչպե՞ս եք, լա՞վ եք։

Այդ շնորհալի խոսքերով ու տատիս մեկնած ձեռքից քաջալերված՝ Պեգգոտին մի երկու քայլ առաջ անցավ աջն առնելու և վերստին գլուխ տվեց։

― Տեսնում եմ, որ երկուսս էլ պառավել ենք, ― ասաց Տատս։ ― Կարծեմ հիշում եք, որ արդեն մի անգամ իրար տեսել ենք։ Ինչ երևելի բանով էինք զբաղված այն ժամանակ։ Սիրելի Տրոտ, էլի մի բաժակ։

Տատս սովորականի պես փայտի նման ուղիղ նստած էր առանց թեքվելու։ Բաժակը մատուցելիս ես հարկ համարեցի նկատել, թե սնդուկի վրա այդպես նստելն անհանգիստ է։

― Թույլ տվեք, տատի, որ մի բազկաթոռ և կամ բազմոցը մոտեցնեմ ձեզ, ― ասացի ես։ ― Սնդուկի վրա հանգիստ չէ։

― Շնորհակալ եմ, Տրոտ, ― ասաց տատս։ ― Ավելի լավ է իմ սեփական գույքի վրա նստած մնամ։

Այդ ասելիս տատս մի խոժոռ հայացք նետեց մրս․ Կրոպպի վրա ու ասաց․

― Էլ այստեղ սպասելու պետք չունեք, տիկին։

― Արդյոք էլի փոքր֊ինչ թեյ չավելացնե՞մ թեյամանի մեջ, հարգելի տիկին, ― հարցրեց մրս․ Կրոպպը։

― Ոչ, շնորհակալ եմ, տիկին։

― Արդյոք էլի մի քիչ կարագ չբերե՞մ, տիկին, ― ասաց մրս․ Կրոպպը, ― և կամ չէի՞ք կամենա մի թարմ ձու անուշ անել․․․ և կամ թե մի շերտ երշիկ։ Էլ ինչո՞վ հարգենք ձեր պատվական տատին, մր․ Կոպպերֆիլդ։

― Ոչ մի բան հարկավոր չէ, տիկին Կրոպպ, ― պատասխանեց տատս։ ― Ինչ որ պետք է, ես ինքս կհոգամ։ Շնորհակալ եմ։

Մրս․ Կրոպպը, որ իր հեզությունը ցույց տալու համար անդադար ժպտում էր, և իր թուլությունը ցույց տալու համար շարունակ գլուխը մի կողմ հակում և ցույց տալու համար, թե պատրաստ է ամենքին ծառայել, անդադար ձեռքերը տրորում էր, վերջ ի վերջո հարկ համարեց գլուխը թեքած հեռանալ, ժպտալով ու ձեռքերը տրորելով։

― Դիկ, ― ասաց տատս։ ― Մտաբերո՞ւմ եք, թե ի՞նչ էի ասել ձեզ մարդահաճ շողոքորթների ու պնակալեզ կեղծավորների մասին։

Մր․ Դիկը փոքր֊ինչ վեհերոտ եղանակով, ասես թե իր ասելիքը մոռացած լիներ, մի հաստատական պատասխան տվեց։

― Ահա, մրս․ Կրոպպն էլ նրանցից մեկն է, ― ասաց տատս։ ― Բարկիս, խնդրեմ դուք շնորհ արեք ինձ համար մի բաժակ թեյ լցնել․ չէի կամենում այդ խարդախի ձեռքից ընդունել։

Լավ ճանաչելով տատիս զգում էի, որ մի կարևոր բան պիտի ասի ինձ և իր գալուստը անհիմն չէ։ Նկատեցի մինչև անգամ, թե հենց որ ես մի ուրիշ բանով էի զբաղված թվում, նա ինձ իսկույն մտիկ է տալիս։ Նա ներքուստ շփոթված ու հուզված էր, թեև դրսից հանգիստ ու սառն էր։ Սակայն մտածեցի՝ չլինի՞ թե մի բանի համար նեղացած լինի իմ վրա, և խիղճս թաքուն հիշեցրեց ինձ, որ մինչև այժմ Դորայի մասին նրան ոչ մի բան չեմ ասել։ Արդյոք այդ չէ՞ր պատճառը։

Գիտեի, որ տատս միայն այն ժամանակ բերանը կբանա, երբ այդ իրեն հաճո կլինի, ուստի և կողքին նստելով սկսեցի նրա թռչունների հետ խոսել, նրա կատվի հետ խաղ անել և լիովին անհոգ ձևանալ։ Սակայն ես բնավ անհոգ չէի, և տագնապս չէր կարող չսաստկանալ, նույնիսկ եթե տատիս հետևից ֆռռանին հենված մր․ Դիկը անդադար գլուխը շարժելով չարագուշակ նշաններ չաներ ու տատիս վրա չակնարկեր։

― Տրոտ․․․ ― ասաց տատս վերջապես, թեյն ավարտելով բերանը սրբելուց ու զգեստի ծալքերը հարթելուց հետո, ― դուք կարող եք չհեռանալ, Բարկիս․․․ Տրոտ, արդեն վարժվա՞ծ ես անձնավստահ ու հաստատուն լինել։

― Կարծեմ, տատի։

― Հավատացա՞ծ ես այդ մասին։

― Կարծեմ հավատացած եմ, տատի։

― Ուրեմն, որդյակ, ― ասաց տատս, խորհրդաբար մտիկ անելով երեսիս, ― գիտե՞ս, թե ինչու եմ այս երեկո իմ սեփական գույքի վրա նստած։

― Ո՛չ, տատի։

― Որովհետև, ― ասաց տատս, ― բոլոր ստացվացքս միայն այս է։ Ես սննկացել եմ, սիրելիս։

Եթե ամբողջ տունը հանկարծ փուլ գար ու մեզ հետ միասին գետն ընկներ, դժվար թե ես մի ավելի սաստիկ հարված ստանայի։

― Դիկն այդ գիտի, ― շարունակեց տատս, ձեռքը մեղմիկ ուսիս դնելով։ ― Սննկացած եմ, հոգյակ իմ։ Ինչ որ ունեմ աշխարհումս՝ ահա այս սենյակումն է, բացի Դուվրի տնակից, որ Ջեննետին եմ հանձնել վարձու տալու։ Բարկիս, այս ջենտլմենին գիշերվա համար մի անկողին է հարկավոր։ Ես էլ այստեղ կգիշերեմ, որ ավելորդ ծախսեր չանենք։ Միայն այս գիշեր։ Առավոտյան այս մասին ավելի երկար կխոսենք։

Ես սթափվեցի շփոթմունքից և այն վշտից, որ զգում էի տատիս ցավակցելով, անտարակույս միայն նրան, երբ նա վզիս փարվեց ու լալագին ասաց, թե ցավում է միայն ինձ համար։ Հետևյալ րոպեից նա իրեն զսպեց և ավելի հաղթական, քան վհատած եղանակով ասաց․

― Մեզ պետք է, որդյակ իմ, քաջ դիմադրել պատահարներին ու չընկճվել նրանցից։ Մարդուս պարտքն է մինչև վերջն անվտանգ մնալ կյանքի կռվում։ Եվ մենք, Տրոտ, մինչև վերջը մարտ կմղենք թշվառության դեմ։


ԺԵ գլուխ

Լքում


Տատիս սնանկանալու առաջին խորտակիչ ազդեցությունից սթափվելուս պես՝ ես մր․ Դիկին առաջարկեցի ինձ հետ նպարավաճառի կրպակը գնալ և այն մահիճը վերցնել, որ թողել էր մր․ Պեգգոտին։ Կրպակը գտնվում էր Հընդրֆորդի շուկայում, որ այն ժամանակ բոլորովին ուրիշ տեսք ուներ, և նրա դռան առջև մի փայտաշեն կամարակապ ցած սրահ կար, որ սաստիկ դուր եկավ մր․ Դիկին։ Այդ հրաշակերտ շենքի վերևի հարկում բնակվելու գաղափարով հափշտակված՝ նա կարծեմ դրա մի քանի անհարմարությունները չնկատեց։ Սակայն, ճիշտն ասած, արդեն հիշված բազմազան դեպքերից ու փոքրությունից բացի, իմ առաջարկած սենյակն ուրիշ աչքի ընկնող թերություններ չուներ էլ։ Սակավապետ մր․ Դիկը լիովին գոհ մնաց։ Մրս․ Կրոպպը նրան բարկությամբ ասել էր, թե այդ բնակարանում մինչև անգամ մի կատու օրորելու տեղ չկա, բայց մր․ Դիկն անկողնու վրա նստելուց և իր սրունքը շփելուց հետո ուղղակի ասաց․ «Տրոտուդ, դու հո գիտես, որ ես կատու օրորելու կարիք չունեմ, կյանքումս էլ չեմ օրորել, ուրեմն ի՞նչ փույթ ինձ, որ այս սենյակում կատու օրորելու տեղ չկա։

Ուզում էի ստուգել՝ արդյոք տատիս գործերի անակնկալ ու մեծ փոփոխության պատճառները մր․ Դիկին հայտնի՞ են։ Իմացա որ նա այդ մասին համարյա թե բան չգիտի։ Իմ հարցուփորձից միայն այսքանը պարզվեց, որ անցյալ օրը տատս նրան ասել է․ «Դիկ, հապա մի տեսնեմ, արդյոք դուք իրա՞վ մի իսկական փիլիսոփա եք, ինչպես որ միշտ համարել եմ ձեզ»։ Եվ երբ մր․ Դիկը պատասխանել է․ «Այո, կարծեմ», տատս ասել է․ «Դի՛կ, ես սնանկացել եմ»։ Դիկն էլ ասել է․ «Է՜, իրա՞վ»։ Եվ այն ժամանակ տատս նրան սաստիկ գովել է, և մր․ Դիկը շատ է ուրախացել։ Այնուհետև նրանք որոշել են ինձ մոտ գալ և ճանապարհին սենդուիչ են կերել ու պորտըր խմել։

Մր․ Դիկն այդ բոլորը պատմեց անկողնու վրա գոհ նստած, սրունքը շփելով ու ժպիտը երեսին։ Դրանից կարելի էր եզրակացնել, թե նա գործերի իսկական դրությանը տեղյակ չէ, և ես շտապեցի բացատրել նրան, թե սնանկությունից չքավորություն, տառապանք, քաղց ու մահ է առաջ գալիս։ Սակայն իսկույն էլ փոշմանեցի այդպես անզգույշ վարվելուս համար, որովհետև հանկարծ նրա երեսը սփրթնեց, աչքերից ջերմ արտասուք թափվեց, և նա իմ վրա այնպես հուսահատ հայացք նետեց, որ մարդու սիրտը քար էլ լիներ, կճաքեր։ Խեղճին նորից զվարթացնելը շատ ավելի դժվար էր, քան վհատություն պատճառելը, և ես շուտով հասկացա (ինչ որ սկզբից պարտավոր էի գուշակել), որ եթե նա մի քիչ առաջ միամիտ ու հանգիստ էր, դրա միակ պատճառն այն էր, որ նա տատիս հրաշալի իմաստության վրա կատարյալ վստահություն ուներ, իսկ դեպի իմ մտավոր ձիրքերը՝ անսահման հավատ։ Նա կարծեմ համոզված էր, որ ես կարող եմ աշխարհիս բոլոր չարիքների դեմ մենակ կռվել և հաղթել։

― Ի՞նչ անենք, Տրոտուդ, ― ասաց մր․ Դիկը։ ― Արդյոք հիշատակարնս պետք կգա՞։

― Անտարակույս, ― պատասխանեցի։ ― Բայց ամենից առաջ, մր․ Դիկ, պետք է աշխատենք հանգիստ ու զվարթ երևալ, որ տատս չկարծի, թե իր գործերի մասին ենք մտածում։ Այժմ եկեք, նրա մոտ գնանք։

Մր․ Դիկն ասածս իսկույն ամենալուրջ եղանակով ընդունեց և միայն խնդրեց, որ ամեն անգամ, երբ ինքը ուղիղ ճանապարհից շեղվելու լինի, զգուշացնեմ իրեն այն գերազանց հնարներով, որոնք միշտ պատրաստ են ձեռքիս տակ։ Սակայն, ափսո՜ս, նա հենց սկզբից այնպես սաստիկ վախեցել էր, որ ինչքան էլ կամենար, չէր կարող իր երկյուղը ծածկել։ Ամբողջ երեկո նրա աչքերն այնպես տագնապալից հայացքով էին հածում տատիս վրա, որ կարծես ահա տատս կնիհարի ու կհալվի։ Նա իր տագնապն զգում էր, ուստի և ամեն կերպ ճիգ թափում իր գլուխը շիտակ բռնելու, սակայն գլուխն աշխույժ բռնելն ու կուռքի պես նստած աչքերը դեսուդեն շրջելը բնավ գործին չէին օգնում։ Ընթրիքի ժամանակ (որ այս անգամ շատ պարզ էր) նա այնպես էր նայում փոքրիկ հացին, որ հենց իմանաս մեր ու սովամահության միջև էլ ոչ մի անջրպետ չի մնացել, բայց միայն այդ չէր․ ես նկատեցի, որ երբ տատս նրան խնդրեց հանգիստ սրտով բան ուտել, նա սկսեց հաց ու պանրի կտորները շուտ֊շուտ իր գրպանը լցնել։ Անշուշտ նրա նպատակն էր՝ այդ փշրանքով մեր կյանքը փրկել, երբ որ սովից մեռնելու վտանգը վրա հասներ։

Տատս, ընդհակառակը, հանգիստ ու հանդարտ էր, որով կարող էր բոլորիս համար օրիանակ հանդիսանալ և մանավանդ ինձ։ Նա վերին աստիճանի քաղցր էր վարվում Պեգգոտիի հետ, բացի միայն այն դեպքերից, երբ ես անզգուշաբար այդ անունն էի տալիս նրան․ և չնայած զզվում էր Լոնդոնից, այնպես էր իրեն զգում, ինչպես իր տանը։ Նա քնելու էր իմ ննջարանում, իսկ ես պիտի հյուրասենյակում պառկեի՝ պահպանություն անելու համար։ Նա շատ գոհ էր, որ բնակարանս գետափի վրա է, և ես վստահ եմ, որ նա իրոք այդ պատճառով էր ինքն իրեն ապահով զգում հրդեհից։

― Ոչ, Տրոտ, հարկավոր չէ, ― ասաց Տատս, երբ տեսավ, որ իր համար ըմպելիք եմ պատրաստում։

― Գինին ավելորդ է, սիրելիս։ Միայն էյլ տուր։

― Բայց ես, տատիկ, գինի էլ ունեմ։ Չէ՞ որ սովոր եք գինի ընդունել։

― Գինին պահիր հիվանդության դեպքերի համար, ― ասաց տատս։ ― Պետք չէ, Տրոտ, վատնել գինին։ Դու ինձ էյլ տուր, միայն կես շիշ։

Քիչ էր մնում, որ մր․ Դիկն ուշաթափ ընկնի։ Տատս իր պահանջը կրկնեց, և ես գնացի էյլ գնելու։ Պեգգոտին ու մր․ Դիկը նմանապես դուրս ելան, նպարավաճառի բնակարանը քաշվելու համար։ Փողոցի անկյունում բարի գիշեր ասացի ողորմելի մր․ Դիկին, որ ահագին ֆռռանը շալակած՝ վշտահար հեռանում էր, որպես մարդկային թշվառության մի կատարյալ մարմնացում։

Երբ ետ եկա, իր գիշերվա գլխանոցի շղարշներն ուղղելով տատս ետ ու առաջ էր գնում սենյակիս մեջ։ Ես էյլը տաքացրի և հացի շերտերը սովորական եղանակով խորովեցի, իսկ տատս գլխանոցը հագած ու զգեստի փեշերը հավաքած՝ արդեն նստել էր վառարանի մոտ։

― Այս խմիչքը գինուց լավ է, որդյակ իմ, ― ասաց տատս, հեղուկի համը տեսնելով։ ― Այնքան էլ դառը չէ։

Երևի թե երեսիս վրա երկբայության նշան տեսնելով, նա հարեց․

― Հոգ չէ, հոգ չէ, սիրելիս։ Երանի թե էյլ խմելուց բացի, ուրիշ թշվառության չհանդիպեինք։

― Ես էլ այդպես կասեի, տատիկ, եթե միայն․․․

― Եթե միայն ի՞նչ․․․

― Եթե չարիքը միայն ինձ հանդիպեր։ Բայց չէ՞ որ դուք ու ես միևնքույն չենք։

― Այդ ի՞նչ դատարկ խոսքեր են, Տրոտ։

Տատս շարունակեց իր էյլն ու պաքսիմատը ախորժալով վայելել։

― Տրոտ, ― ասաց նա, ― գիտես, որ ես օտար դեմքեր չեմ սիրում, բայց Բարկիսդ ինձ դուր է գալիս։

― Ախ, տատիկ, այդ խոսքերն ինձ համար հարյուր ոսկուց էլ թանկ են։

― Այս աշխարհը մի տարօրինակ բան է, ― ասաց տատս՝ իր քթի ծայրը տրորելով։ ― Չեմ հասկանում, թե որտեղի՞ց է մի այդպիսի կռապաշտական անուն գտել այդ կինը։ Ասա, խնդրեմ, մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե նա իբրև մի Ջոկսըն կամ Րոբերտսըն և կամ մի ուրիշ այդպիսի բան աշխարհ գար։

― Գուցե ինքն էլ, տատի, այդպես է մտածում, բայց հանցավորն ինքը չէ։

― Շատ կարելի է, ― ասաց տատս, ակամա տեղի տալով, որ ասածս ճշմարիտ է։ ― Բայց և այնպես անախորժ բան է։ Ինչևիցե, այժմ նա Բարկիս է, և դրանով կարելի է մխիթարվել։ Բարկիսը քեզ շատ է սիրում, Տրոտ։

― Աշխարհիս երեսին բան չկա, որ նա չաներ՝ իր սերը ապացուցելու համար։

― Իրավ որ բան չկա, ― հաստատեց տատս։ ― Երևակայիր, այդ հիմարն աղաչում պաղատում էր, որ ես իր փողերի մի մասն ընդունեմ․․․ որովհետև ինքը խիստ շատ ունի։ Ա՛յ ապուշ։

Եվ տատիս հաշտության արտասուքի կաթիլներն ուղիղ տաք էյլի մեջ թափվեցին։

― Այդպիսի ծիծաղելի էակ դեռ չեմ տեսել, ― ասաց տատս։ ― Հենց այն առաջին րոպեին, երբ նստած էի խեղճ մայրիկիդ սենյակում, գուշակել էի, որ շատ ծիծաղելի արարած է։ Բայց լավ կողմեր էլ ունի։

Շինծու ծիծաղն առիթ տվեց տատիս իր արտասուքը ձեռքով սրբելու։ Այդ անելուց հետո նա վերստին մի ումպ անուշ արեց իր էյլից ու շարունակեց․

― Օ՜հ, ողորմած աստված, ― հառաչեց նա։ ― Ես ամեն բան գիտեմ, Տրոտ։ Քո ու Դիկի դուրս գնալուց հետո, Բարկիսն ու ես բավական փսփսացինք իրար հետ։ Գիտեմ, ինչեր են պատահել։ Միայն չեմ հասկանում, ո՞ր սատանան է այդ թշվառ աղջիկների խելքն ու միտքը թռցրել։ Լավ չէ՞ր լինի, որ իրենց գլուխը բռնեին և․․․ և վառարանի պատին տալով պատռեին, ― ասաց տատս, երևի թե իմ վառարանի պատին նայելուց այդ գաղափարն հղնալով։

― Խեղճ Էմլի, ― գոչեցի ես։

― Խնդրեմ նրան այդպես չանվանես, ― ասաց տատս։ ― Թող այսքան աղետ պատճառելուց առաջ, այդ մասին մտածեր։ Եկ համբուրիր ինձ, Տրոտ։ Ես ցավում եմ, որ արդեն վշտեր ես կրում այդ հասակում։

Երբ որ կռացա նրան համբուրելու համար, նա իր բաժակը ծնկիս վրա դրեց, որ չհեռանամ և ասաց․

― Օ՜հ, Տրոտ, Տրոտ։ Եվ կարծում ես, թե արդեն սիրով վառվա՞ծ ես։ Այդպե՞ս է, թե չէ։

― Ինչպե՞ս թե կարծել, տատիկ ջան, ― գոչեցի ես բոլորովին կարմրելով։ ― Ես նրան հոգով սրտով պաշտում եմ։

― Դորայյի՞ն, հա՞, ― վրա բերեց տատս։ ― Եվ իհարկե կուզենայիր ասել, թե նա մի հրապուրիչ աղջիկ է, չէ՞։

― Սիրելի տատիկ, երևակայել անգամ չեք կարող, թե ինչ հրաշալի աղջիկ է։

― Ա՜հ։ Խենթուլիկ, չէ՞, ― ասաց տատս։

― Խենթուլի՜կ։ Այդ ի՞նչ եք ասում, տատի ջան։ ― Մտքովս անգամ չէր անցել հարցնել ինձ՝ խենթուլի՞կ էր Դորան, թե՞ խելոք։ Այդ գաղափարը ես, իհարկե, զայրացած մերժեցի, բայց և այնպես դա իր նորությամբ ինձ ապշեցրեց։

― Ոչ էլ թեթևսոլի՞կ, ― հարցրեց տատս։

― Թեթևսոլի՜կ։

Ես կարողացա միայն կրկնել այդ հանդուգն խոսքը միևնույն զգացումով, ինչպես և առաջինը։

― Դե լավ, դե լավ, ― ասաց տատս։ ― Միայն հարցնում եմ։ Վատ բան չեմ ասում նրա մասին։ Խեղճ մանուկներ։ Ուրեմն իրավ կարծո՞ւմ եք, թե մեկմեկու համար եք ստեղծված, և վստա՞հ, թե ձեր կյանքը մեղր ու շաքար կլինի։ Այդպես չէ՞, Տրոտ։

Այդ խոսքերը նա այնպիսի բարությամբ ասաց, այնպես կիսազվարթ, կիսատրտում եղանակով, որ ես բոլորովին հուզվեցի։

― Մենք դեռ հարկավ ջահել ենք, տատի, դեռ անփորձ, ― ասացի ես, ― և հավանական է, որ ուրեմն հիմար֊հիմար բաներ անենք կամ մտածենք։ Բայց և այնպես սերտ սիրով ենք սիրում իրար ― ես վստահ եմ այդ մասին։ Եթե ես գեթ մի վայրկյան մտածեի, թե Դորան կարող է ուրիշին սիրել և կամ թե ինձ սիրելուց դադարել, կամ թե ես կարող եմ ուրիշին սիրել և նրան սիրելուց դադարել․․․ էլ չգիտեմ ի՞նչ կպատահի ինձ հետ ― խելքս կցնդեր, տատի ջան։

― Ախ, Տրոտ, ― ասաց տատս, գլուխը շարժելով ու ժպտալով։ ― Կո՜ւյր, կո՜ւյր, կո՜ւյր։ Ես ճանաչում եմ մեկին սիրելի Տրոտ, ― շարունակեց նա մի կարճատև լռությունից հետո, ― որ թեև դյուրաթեք է, բայց իր մոր պես հաստատուն է սիրո մեջ։ Այդ մեկին, Տրոտ, մի այնպիսի լուրջ ընկերուհի է հարկավոր, որ նրան պահպաներ և ուղղեր։ Մի լուրջ, անձնվեր, զգաստ ու հաստատ ընկերուհի։

― Օ՜հ, տատիկ, եթե իմանայիր, թե որքան լուրջ է իմ Դորան։

― Կույր ես, կո՜ւյր, որդյակ իմ։

― Ինքս էլ չգիտեմ, թե ինչո՞ւ այդ րոպեին մի տխուր զգացում ամպի նման սիրտս պատեց, և ես կարծես մի բան կորցրի։

― Բայց և այնպես, ― ասաց տատս, ― ես մտադիր չեմ վհատեցնել և կամ թե անբախտացնել երկու սիրահար արարածների ― ամենևին։ Գիտեմ, այդ սերը մի թռուցիկ բան է, մի փոքրիկ տղայի ու աղջկա թեթև կիրք, որ շատ անգամ ոչնչով չի վերջանում․․․ լսիր, ասում եմ՝ շատ անգամ, այլ ոչ թե միշտ․․․ այնուամենայնիվ, մենք այդ մասին կմտածենք և հուսով եմ, որ այս օրերս գործը հաջողակ ելք կստանա։ Ժամանակը դեռ չի անցել։

Թեև դրանք շատ էլ սփոփիչ խոսքեր չէին մի հափշտակված սիրահարի համար, սակայն ես դարձյալ գոհ էի, որ սրտիս գաղտնիքը հայտնի է տատիս։ Արդեն քնելու ժամանակ էր։ Մտածելով, որ նա հոգնած կլինի, շնորհակալ եղա իր ճշմարիտ կարեկցության ու սիրո համար։ Մենք սրտանց իրար բարի գիշեր մաղթեցինք, և նա իր գլխանոցն առնելով ննջարանը գնաց։

Որքան թշվառ էի անկողնուս մեջ այդ գիշեր։ Շարունակ մտածում էի, թե չքավորությանս մասին մր․ Սպընլոն ի՞նչ կասի, քանի որ այժմ ես այն չեմ, ինչ որ էի Դորային առաջարկություն անելիս․ տեսնում էի, որ պետք է իմ նյութական վիճակն ասպետաբար, շիտակ հայտնել Դորային և ազատել նրան իր խոստումից, եթե միայն համաձայնվի ետ առնել․ մտածում էի, թե ինչպե՞ս պիտի ապրուստ ճարեմ, մինչ որ սկսեմ ռոճիկ ստանալ, հարցնում էի ինձ ― ինչո՞վ պիտի օգնեմ տատիս, և պատասխան չէի գտնում։ Որքան դառն էր մտածել, թե շուտով գրպանումս ոչ մի շիլինգ չեմ ունենա և ստիպված կլինեմ մաշված ու հին շորեր հագնել, Դորային փոքրիկ ընծաներ անելուց հրաժարվել ու վերջապես մնաս բարով ասել գորշ ձիուս, որ այնպես սիրուն թռչկոտում էր նրա առջև։ Զգում էի, որ անձնական վշտով շատ մաշվելը եսասիրություն է, ազնիվ մարդու վայել բան չէ, և թեպետ շատ էի կշտամբում ինձ, բայց ես Դորային այնքան էի նվիրված, որ նրան հիշելիս չէի կարող իմ վիճակի դառնությունը մտքիցս հանել։ Այո, գիտեի որ ստորություն է իմ մասին ավելի մտածել, քան տատիս, սակայն եսասիրությունս անբաժան շաղկապված էր Դորայի հետ, և ես անզոր էի մի ուրիշ մահկանացու էակի հետ փոխարինել Դորային։ Օ՜հ, որքան թշվառ էի այն գիշեր։

Քունս չքավորության հազար տեսակ պատկերներով խճողված էր։ Երազիս մեջ տեսնում էի, թե ահա ցնցոտի հագած գնում եմ Դորային լուցկիներ վաճառելու՝ վեց տուփը վեց պենսով․ կամ թե գիշերվա խալաթով ու պատռտած մուճակներով մտնում եմ մր․ Սպընլոյի գրասենյակը, և նա ինձ դուրս է քշում․ կամ թե ագահությամբ հավաքում եմ ճիշտ կեսօրին նախաճաշող ծեր Տիֆըյի փշրանքները․ կամ թե մոլեգնաբար պահանջում, որ ինձ Դորայի հետ պսակվելու իրավունք տան, և ուրիշ բան չեմ գտնում արտոնագիր դրոշմագիրը վճարելու համար, բացի Ուրիաս Հիպի ձեռնոցներից, որոնք ամբողջ ատյանից միաբերան մերժվում են։ Վերջապես փոքր ի շատե հասկանում եմ, որ անկողնուս մեջ եմ պառկած, և ալեկոծ նավի նման անդադար մի կողմից դեպի մյուսն եմ շուռ գալիս սավանների օվկիսանոսում։

Տատս էլ կարծեմ հանգիստ չէր, որովհետև շուտ֊շուտ լսում էի, թե ինչպես ետ ու առաջ էր գնում։ Կես֊գիշերին նա, մի երկար ասվե վերմակի մեջ փաթաթված, որի մեջ վեց ոտնաչափ բարձր էր թվում, երկու֊երեք անգամ մի շրջիկ ոգու նման սենյակս մտավ ու բազմոցիս մոտեցավ, որի վրա պառկած էի։ Առաջին անգամին ես լեղապատառ վեր թռա ու նրանից լսեցի, թե երկնքում երևացող տարօրինակ փայլին նայելով, Ուեստմինստրի վանքը հրդեհված կլինի․ նա ուզում էր իմանալ, թե արդյոք կրակը մինչը Բուկինգեմի փողոցը չի՞ հասնի, եթե հանկարծ քամին փոխվի։ Այնուհետև, երբ նա էլ, ես էլ միամտացանք, նա իմ կողքին նստեց ու շշնջաց․ «խեղճ մանուկ»։ Այդ որ լսեցի, սրտիս վիշտը քսան աստիճան սաստկացավ, որովհետև տեսա, թե որքան է մաշվում իմ պատճառով, մինչ ես կոպիտ անձնասիրությամբ միայն իմ մասին էի մտածում։

Դժվար էր հավատալ, որ ինձ համար այդքան երկար գիշերը կարող էր մեկ ուրիշի համար կարճ լինել։ Այդ բանի մասին մտածելով սկսեցի մի պարահանդես երևակայել, ուր հյուրերը պարում էին առանց ժամերը հաշվելու, և ահա ինքս էլ այնտեղ ընկա։ Երաժիշտներն անդադար միևնույն եղանակն էին նվագում։ Դորան անվերջ պար էր գալիս, բնավ չմտածելով իմ մասին։ Քնար ածող երաժիշտը զուր ճգնում էր իր գործիքը մի հասարակ գլխանոցով փաթաթել, երբ ես հանկարծ արթնացա, կամ լավ է ասել՝ հրաժարվեցի քուն մտնելու զուր ջանքերից, և տեսա, որ արեգակը վերջ ի վերջո ներս է շողում պատուհանից։

Այդ ժամանակ մի հռոմեական բաղնիք կար Ստրենդից սկսվող փողոցներից մեկի ծայրում (գուցե այսօր էլ կա), ուր սովոր էի սառը ջրի մեջ լողանալ։ Ես շուտ֊շուտ հագնվեցի ու Պեգգոտիին հանձնարարելով տատիս խնամել, շտապեցի ջուրը սուզվել․ այնուհետև Հեմստեդ գնացի զբոսնելու։ Վստահ էի, որ սառը ջուրը մտքերիս աշխուժություն կտա․ այդպես էլ եղավ, որովհետև շատ չանցած որոշեցի, թե ամենից առաջ պետք է Սպընլոյի ու Ջորկինսի հետ կապված պայմանս ջնջել և գրավ դրած գումարս ետ ստանալ։ Մի հյուրանոցում նախաճաշիկ արեցի և հետո քայլերս դեպի Դոկտորների Համայնքն ուղղեցի։ Ճանապարհս նոր ջրված փողոցներով էր անցնում, և օդը այգիների բուրմունքով էր լի։ Գնում էի մեր նյութական թշվառությանը դիմադրելու․ իմ առաջին փորձն այդ էր։

Դեռ վաղ էր, երբ մեր գրասենյակը հասա․ ինձ պետք եղավ մի կես ժամ Համայնքի բակում ման գալ, մինչև որ ծեր Թիֆըն գար, որ և ամենից առաջ երևաց, իր հետ բերելով բանալիները։ Դուռը բացվելուց հետո, ես իմ ստվերավոր անկյունում նստեցի և սկսեցի արևափայլ տանիքներին նայել և Դորայի մասին մտածել։ Ահա առույգ ու թարմ մր․ Սպընլոն ներս մտավ։

― Բարով, Կոպպերֆիլդ, ― ասաց նա։ ― Ի՜նչ գեղեցիկ առավոտ է։

― Այո, հիանալի առավոտ է, սըր։ Կարո՞ղ եմ արդյոք մի երկու խոսք ասել ձեզ։

― Անշուշտ։ Եկեք իմ սենյակը։

Իր սենյակը մտանք, և մր․ Սպընլոն պաշտոնազգեստը հագնելով՝ իր դեմքը սկսեց դիտել հայելու մեջ։

― Ցավելով պիտի հայտնեմ, սըր, ― սկսեցի ես, ― որ վատ լուր եմ ստացել իմ տատից։

― Մի՞թե, ― ասաց մր․ Սպընլոն։ ― Ա՜յ ցավալի բան։ Անդամալույծ հո չի՞ եղել։

― Ոչ, սըր․ նոր լուրը նրա առողջության հետ կապ չունի։ Տատս մի մեծ դրամական կորուստ է կրել և գրեթե սնանկացել է։

― Ապ֊շեցնում եք ինձ, Կոպպերֆիլդ, ― բացականչեց մր․ Սպընլոն։

Ես գլոըխս շարժեցի։

― Այո, սըր, տատիս դրությունը այն աստիճան փոխվել է, որ կցանկանայի հարցնել ձեզ՝ արդյոք չէ՞ր կարելի․․․ ծառայությանս պայմանագիրը․․․ ոչնչացնել։

Եվ տեսնելով մր․ Սպընլոյի դեմքի խոժոռվելն, ավելացրի․

― Զոհ բերելով իմ կողմից գրավականիս մի մասը (թեև ամենևին չէի կամենա մի այդպիսի զոհաբերություն անել)։

Ոչ ոք չի կարող երևակայել, թե ինձ համար որքան ծանր էր այդ բանն առաջարկել մեծավորիս։ Դա միևնույնն էր, թե խնդրեի, իբրև ողորմություն, աքսորել ինձ և բաժանվել Դորայից։

― Ոչնչացնել պայմանագի՞րը, Կոպպերֆիլդ։ Ոչնչացնե՞լ։

Հաստատ կերպով բացատրեցի, թե նեղության մեջ եմ և ստիպված եմ, որ ինքս անձամբ ապրուստ ճարեմ։ Ապագայից վախենալու տեղի չունեմ, ասացի ես (այդ խոսքերը շեշտելով, որպեսզի մր․ Սպընլոն իմանա, թե կարող եմ դեռ մի ձեռնտու փեսա լինել)․ բայց ներկայումս ստիպված եմ սեփական աշխատանքով ապրուստի միջոց վաստակել։

― Ցավալի է այդ բոլորը լսել, Կոպպերֆիլդ, ― պատասխանեց մր․ Սպընլոն։ ― Այո, անչափ ցավալի։ Բայց այդպիսի պատճառով պայմանագիր ջնջելը սովորական բան չէ մեր ատյանում։ Այդպես վարվել չի կարելի պաշտոնական ասպարեզում։ Դա վատ օրինակ կլինի։ Բայց և այնպես․․․

― Շատ բարի եք, ― մրմնջացի ես, կարծելով թե մի զիջողություն պիտի անի։

― Բնավ ոչ․ խնդիրը բնավ դրանում չէ, ― շարունակեց մր․ Սպընլոն։ ― Կամենում էի միայն ասել, որ եթե ձեռքերս ազատ լինեին․․․ եթե մր․ Ջորկինսի ընկերությամբ ձեռքերս կապված չլինեին․․․

Հույսերս իսկույն չիք դարձան, բայց ես դարձյալ մի փորձ արի։

― Ի՞նչ կասեք, սըր, ― հարցրի ես, ― եթե ուղղակի մր․ Ջորկինսին դիմեմ։

Մր․ Սպընլոն վհատ կերպով գլուխը թոթվեց։

― Տեր մի արասցե, Կոպպերֆիլդ, ― գոչեց նա, ― որ անիրավ եմ մեկի դեմ, այն էլ մր․ Ջորկինսի դեմ։ Սակայն, Կոպպերֆիլդ, ես լավ եմ ճանաչում ընկերոջս։ Մր․ Ջորկինսը այն մարդը չէ, որ մի այդպիսի անսովոր ու նոր առաջարկություն ընդունի։ Մր․ Ջորկինսը սովոր չի մի անգամ բռնած ճանապարհից շեղվել։ Դուք հո գիտե՞ք, թե ինչ մարդ է։

Բայց ամենևին չգիտեի, թե մր․ Ջորկինսն ինչ ի՛նչ մարդ է։ Այսքանը միայն հայտնի էր ինձ, թե առաջ նա մենակ ինքն է գրասենյակի գործերը հոգացել, իսկ այժմ առանձին է ապրում մի հին տան մեջ Մոնտեգի֊Սկուեյրի կողմերում․ թե ուշ֊ուշ է գալիս գրասենյակն ու շատ վաղ է հեռանում․ թե ոչ ոք չի տեսել, որ երբևէ նրանից խորհուրդ հարցնեն․ թե նա վերևի հարկում մի առանձին մութ անկյուն ունի, ուր երբեք մի գործ չի կատարում և թե նրա սեղանի վրա փռված թուղթը թեև քսան տարվա հնությունից արդեն բոլորովին դեղնել է, բայց դեռ ոչ մի թանաքի բիծ չի տեսել։

― Դուք ոչինչ չե՞ք առարկի, սըր, եթե ուզենամ նրա հետ խոսել, ― հարցրի ես։

― Ամենևին, ― պատասխանեց մր․ Սպընլոն։ ― Սակայն, Կոպպերֆիլդ, բավական մոտիկ ճանաչելով մր․ Ջորկինսի բնավորությունը, չեմ կարծում, որ հեշտ զիջի ձեր խնդրին։ Եթե այդպես լիներ, ես ինքս սիրով կօգնեի ձեզ։ Այնուամենայնիվ, Կոպպերֆիլդ, ձեր ու նրա տեսակցության դեմ ասելիք չունեմ։ Եթե կարծում եք, թե արժի տեսնել այդ մարդուն, կարող եք տեսնել։

Պետք էր օգուտ քաղել մր․ Սպընլոյի այդ թույլտվությունից, որ նա ինձ շնորհեց, աջս ամուր սեղմելով։ Ես որոշեցի մր․ Ջորկինսին սպասել և մինչ նստած մտածում էի Դորայի մասին ու արևափայլ կտուրներին էի նայում, ահա մր․ Ջորկինսն եկավ։ Ես նրա սենյակը բարձրացա։ Նա շատ զարմացավ, մի այցելու տեսնելով իր մոտ։

― Համեցեք, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Ջորկինսը։ ― Ներս մտեք։

Մտա, նստեցի և նրան էլ գործս բացատրեցի, ինչպես որ բացատրել էի մր․ Սպընլոյին։ Մր․ Ջորկինսը բնավ այնքան ահարկու չէր, ինչքան որ կարծում էի։ Նա մի վաթսունամյա հաստ մարդ էր՝ հեզ ու բարի դեմքով, և այնքան շատ քթախոտ էր քաշում, որ Համայնքի գրագիրներն ասում էին, թե որովհետև միայն այդ դեղով է կերակրվում, ուստի իր մարմնի մեջ մի ուրիշ նյութ ընդունելու տեղ չի մնացել։

Մր․ Ջորկինսը մինչև վերջը լսեց ինձ և անհանգիստ ձայնով հարցրեց․

― Հարկավ արդեն խոսած կլինեք մր․ Սպընլոյի հետ։

― Այո, սըր, և նա էր, որ ձեզ դիմելու խորհուրդ տվեց ինձ։

― Եվ ասաց, թե ես կմերժե՞մ, ― հարցրեց մր․ Ջորկինսը։

Ստիպված էի խոստովանել, թե մր․ Սպընլոն գրեթե մի այդպիսի կարծիք հայտնեց։

― Ուրեմն կներեք, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Ջորկինսը շփոթվելով։ ― Շատ ցավում եմ, որ չեմ կարող օգնել ձեզ․․․ Բանն այս է, որ․․․ սակայն ինձ անհրաժեշտ է բանկ գնալ․․․ Խնդրեմ ներեցեք։

Այս ասելուն պես մր․ Ջորկինսը վերկացավ և ուզում էր շտապով դուրս գնալ․ սակայն ես համարձակություն առա հարցնելու նրան․

― Ասել է թե գործիս օգնելու հնար չկա՞։

― Եվ ոչ մի հնար, ― ասաց մր․ Ջորկինսը, կանգ առնելով դռան մոտ։ ― Ո՛չ մի հնար։ Արդեն գիտեք որ մերժելու եմ, ― ասաց շտապով ու դուրս գնաց։ ― Իմացած եղեք, մր․ Կոպպերֆիլդ, ― հարեց նա, դռան հետևից ներս նայելով, ― որ եթե մր․ Սպընլոն առարկում է․․․

― Բայց նա իր կողմից առարկություն չի անում, սըր, ― ասացի ես։

― Օ՜, իր կողմից, ― կրկնեց մր․ Ջորկինսն անհամբեր։ ― Հավատացեք, մր․ Կոպպերֆիլդ, որ արգելքներ կան, անհաղթելի արգելքներ։ Ձեր խնդիրը չի կարելի կատարել․․․ Ներեցեք, ժամադրություն ունեմ բանկում։

Ասաց ու վազելով փախավ։ Այդ դեպքից հետո, ինչպես որ իմացա, նա երեք օր իր սենյակը ոտք չդրեց։

Որոշած լինելով ամեն միջոց գործ դնել, մինչև մր․ Սպընլոյի վերադարձը սպասեցի և իր ընկերոջ հետ ունեցած իմ տեսակցությունը պատմեցի նրան, ակնարկելով թե անհույս չեմ, որ նա կարող լինի մր․ Ջորկինսի քարե սիրտն ամոքել, եթե միայն հանձն առնի միջնորդել։

― Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Սպընլոն շնորհալի ժպիտով, ― դուք այնքան լավ չեք ճանաչում մր․ Ջորկինսին, որքան ես։ Ես նրան վաղուց եմ ճանաչում։ Անիրավություն կլիներ ենթադրել, թե մր․ Ջորկինսը կարող է գեթ մի վայրկյան խորամանկություն բանեցնել։ Սակայն մր․ Ջորկինսը գիտի այնպիսի ձևով զանազան արգելքներ առաջ բերել, որ շատերին խաբում է։ Ո՛չ, Կոպպերֆիլդ, ապահով եղեք, մր․ Ջորկինսին ոչ մի բանով չի կարելի շարժել։

Ես բոլորովին մոլորված էի մր․ Սպընլոյի ու մր․ Ջորկինսի միջև և խելքս չէր հասնում, թե արգելքներ մեջ բերողն այդ երկու ընկերներից իսկապես ո՞րն է, բայց բավական պարզ տեսնում էի, որ գրասենյակի մեջ մի անողոք խստություն կա և որ տատիս հազար ստեռլինգը չի կարելի ետ ստանալ։ Եվ ասյպես գրասենյակից բավական հուսահատ տրամադրությամբ հեռացա, որի պատճառը, ինչպես այսօր էլ ամաչելով հիշում եմ, առավել իմ անձի (ուրեմն և Դորայի) հետ կապ ուներ, քան տատիս, և դեպի տուն գնացի։

Անհրաժեշտ էր ավելի հիմնավոր միջոց գտնել՝ մեր ապագան ապահովելու համար։ Մինչ այս բանի մասին մտածելով առաջ էի գնում, իմ հետևից մի կառք հասավ․ ես կառքին նայեցի։ Կառքի պատուհանից մի սպիտակ աջ դեպի մի կողմ մեկնվեց, և ես մի ժպտուն դեմք տեսա, այն իսկ դեմքը, որ միշտ հանգիստ ու երջանկություն էր շնորհել ինձ այն օրից ի վեր, երբ առաջին անգամ տեսել էի նրան հինավուրց տան կաղնիաշեն, լայնաբազիրք սանդուղքի վրա։

― Ագնե՜ս, ― գոչեցի ես ցնծությամբ։ ― Որքան ուրախ եմ, որ հատկապես ձեզ եմ տեսնում այս րոպեին։

― Իրա՞վ, ― ասաց նա սրտագին ձայնով։

― Այնքա՜ն բան ունեմ ձեզ ասելու․․․ Ձեզ վրա նայելն անգամ սփոփանք է ինձ։ Եթե ես մի դյութական գավազան ունենայի, ամենից առաջ նրանով ձեզ կկանչեի։

― Մի՞թե, ― ասաց Ագնեսը։

― Գուցե առաջ Դորային, ― ուղղեցի ես ամոթահար։

― Հարկավ առաջ Դորային, ― կրկնեց Ագնեսն ու ծիծաղեց։

― Իսկ հետո ձեզ, ― հարեցի ես։ ― Այս ո՞ւր եք գնում։

Նա գնում էր իմ բնակարանը՝ տատիս տեսնելու։ Եղանակն այնքան գեղեցիկ էր, որ Ագնեսն ուզեց կառքից իջնել։ Ես կառապանին արձակեցի, և Ագնեսն ու ես թև֊թևի տված առաջ գնացինք։ Նա իմ վրա մարմնացյալ հուսո ազդեցություն գործեց․ նրան տեսնելով ես բոլոր վշտերս մոռացա։

Տատս մի երկտող է գրած եղել Ագնեսին՝ այն համառոտ երկտողներից մեկը, որոնք բանկի տոմսերից մեծ չեն (նրա նամակագրական եռանդն այդ չափով էր բավարարվում), որով հայտնել է, թե գործերի ձախորդության պատճառով վճռել է ընդմիշտ Դուվրից հեռանալ, թե ինքը լիովին ողջ ու զվարթ է, և խնդրում է, որ իր մասին ոչ ոք չանհանգստանա։ Այդ նամակը ստանալուն պես, Ագնեսն էլ եկել էր Լոնդոն՝ տատիս անձամբ տեսնելու, որի հետ վաղուց կապված է եղել սերտ սիրով, և հատկապես այն օրից, երբ ես առաջին անգամ ոտք էի դրել մր․ Ուիկֆիլդի հին տունը։ Սակայն մենակ չի եկել, այլ իր հոր հետ և․․․ Ուրիաս Հիպի։

― Այժմ նրանք գործակցո՞ւմ են, ― հարցրի ես։ ― Այ անիծվի՜ այդ Հիպը։

― Այո, ― ասաց Ագնեսը։ ― Նրանք այստեղ գործեր ունեն․ ես էլ նրանց հետ միասին եկա։ Սակայն չկարծեք, Տրոտուդ, թե միայն այցելություն անելու եմ եկել։ Գուցե երկյուղս անհիմն է․․․ բայց ես չեմ սիրում այդ մարդու հետ մենակ թողնել հայրիկիս։

― Մի՞թե, Ագնես, նա դարձյալ շարունակում է մր․ Ուիկֆիլդի վրա ազդել։

Ագնեսը տրտմությամբ գլուխը շարժեց։

― Մեր հին տունն այնքան է փոխվել, որ չեք էլ ճանաչի, ― ասաց նա։ ― Այժմ նրանք մեզ մոտ են բնակվում։

― Ո՞վքեր, ― հարցրի ես։

― Մր․ Հիպն ու իր մայրը։ Նա մնում է ձեր առաջվա ննջարանում, ― ասաց Ագնեսը, նայելով դեմքիս։

― Ափոսոս, որ ես չեմ նրան երազներ ազդողը, ― նկատեցի ես։ ― Եթե ոչ՝ Հիպն այնտեղ երկար չէր քնի։

― Իսկ ես մնում եմ փոքրիկ սենյակում, ուր սովոր էի դասեր պատրաստել, ― շարունակեց Ագնեսը։ ― Ա՜խ, ինչպես է անցնում ժամանակը։ Դուք հո հիշո՞ւմ եք այդ դրվագած սենյակը, որ կից էր դահլիճին։

― Կարո՞ղ եմ միթե չհիշել, Ագնես։ Այդ սենյակի դռնից չէ՞ր, որ առաջին անգամ երևացիք ինձ․ այն ժամանակ բանալիների մի սիրուն քսակ էր կախված ձեր գոտուց։

― Այո՛, այո՛, ― ասաց Ագնեսը ժպտալով։ ― Շատ ուրախ եմ, որ չեք մոռացել այդ բոլորը։ Որքա՞ն երջանիկ էինք այն ժամանակ։

― Իրավ որ երջանիկ, ― կրկնեցի ես։

― Դարձյալ մնում եմ նույն սենյակում, ― ասաց Ագնեսը, ― բայց չեմ կարող մենակ թողնել մրս․ Հիպին։ Շատ անգամ պետք եմ համարում նրա հետ լինել, մինչ կուզենայի առանձին մնալ սենյակիս մեջ։ Սակայն նրանից գանգատվելու բան չունեմ։ Թեև երբեմն հոգնեցնում է, որդուն անչափ գովելով, բայց փույթ չէ․ չէ՞որ մայր է։ Ուրիասը լավ որդի է մոր համար։

Այդ խոսքերի ժամանակ ես նայեցի Ագնեսին, բայց նրա դեմքի վրա ոչ մի նշան չտեսա, որ ցույց տար, թե նա Ուրիասի չար դիտավորություններից կասկածում էր։

― Նրանց մեր տանը գտնվելու ամենամեծ անհարմարությունը, ― ասաց Ագնեսը, ― այն է, որ արգելում է ինձ այնքան հաճախ հորս հետ լինել, ինչքան որ ես կուզեմ, որովհետև Ուրիաս Հիպը միշտ տնկվում է մեր միջև։ Ես հնար չունեմ առաջվա պես հորս վրա արթուն հսկելու։ Սակայն եթե նրա դեմ որևէ չարիք կամ դավադրություն նյութելու լինեն, հուսով եմ, որ հավատարիմ սերս վերջ ի վերջո ամեն նենգություն կհաղթի։ Ես վստահ եմ, Տրոտուդ, որ անձնվեր սերն ու ճշմարտությունը աշխարհիս բոլոր չարիքներից զորեղ են։

Արդեն մոտեցել էինք մեր փողոցին, երբ Ագնեսի քաղցրիկ ժպիտն անհետացավ երեսից, և նա հարցրեց, թե ինչի՞ց են տատիս գործերը խանգարվել։ Երբ ասացի, թե չգիտեմ, նա ավելի մտախոհ դարձավ, և զգացի, որ նրա ձեռքը հանկարծ դողաց բազկիս վրա։

Եկանք տուն։ Տատս մենակ էր ու գրգռված։ Նրա ու մրս․ Կրոպպի միջև մի վերացական վեճ էր ծագել, թե որքա՞ն հարմար է գեղեցիկ սեռին մի ջահել տղամարդու բնակարանում հաստատվել, և տատս առանց ուշք դարձնելու մրս․ Կրոպպի սպազմներին՝ կարճ ասել էր նրան, թե նրա վրայից իմ օղու հոտն է փչում, և հետևաբար, լավ կանի, որ իսկույն սենյակից կորչի։ Այս խոսքերից մրս․ Կրոպպը վիրավորվել էր ու հայտնել, թե կերթա «Բրիտանական դարատանին» բոզոքելու, որովհետև իր պատիվը վտանգված է։

Տատս Ագնեսին տեսնելուն պես իր հյուրին սիրով ընդունեց և իր հաղթանակը ցույց տալու համար, արդեն հովացած սրտով, վերոհիշյալ վեճը պատմեց մեզ։ Պեգգոտին տանը չէր․ նա ու մր․ Դիկը հրապարակ էին գնացել թիկնապահ հեծելազորի մարզանքները տեսնելու ու թմբուկները լսելու։ Երբ Ագնեսն իր գլխարկը սեղանի վրա դրեց և տատիս մոտ նստեց, ես նրա բարի աչքերին ու պայծառ ճակատին նայելով, ակամա ինքս ինձ ասացի․ որքա՜ն լավ կլիներ, եթե միշտ այդտեղ մնար․ տատս որքան ջերմ հավատարմություն է ընծայում նրան, չնայած որ նա այդպես ջահել ու անփորձ է․ իրոք որքա՜ն զորեղ է նա իր պարզ սիրով ու ճշմարտության հավատով։

Տատիս կրած կորուստների մասին սկսեցին խոսել, և ես պատմեցի, թե առավոտյան ի՞նչ փորձեր էի արել։

― Անմիտ փորձեր, ― ասաց տատս, ― բայց ոչ անազնիվ։ Դու վեհանձն տղա ես, Տրոտ, կամ թե այժմ լավ է երիտասարդ անվանել քեզ, և ես քեզնով պարծենում եմ։ Շատ լավ։ Բայց, Տրոտ և Ագնես, այժմ միս Բեթսի Տրոտուդի գործերին տեսնենք, թե ինչպե՞ս են։

Ագնեսի երեսը գունատվեց, և նա աչքերը տատիս վրա ուղղեց․ տատս էլ, կատվին շոյելով, ուշադրությամբ նայեց Ագնեսին։

― Բեթսի Տրոտուդը, ― ասաց տատս, ― խոսքս քրոջդ մասին չէ, այլ իմ մասին, Տրոտ, ― իր սեփական ժառանգությունն ուներ։ Փույթ չէ, թե որքան ուներ․ ինչ որ ուներ, իր ապրուստին բավական էր, մինչև անգամ ավելի քան բավական, որովհետև խնայողություն անելով մայր գումարը ավելացրել էր։ Այդ գումարը Թեթսին նախ բանկ էր դրել, բայց հետո մի գործնական մարդու խորհրդով մի ուրիշ տեղ շահով տվեց՝ անշարժ գրավի փոխարեն։ Գործը հաջող էր և եկամուտը ձեռնտու էր, բայց շատ չանցած՝ գրավից ազատվեցին, և Բեթսին գումարը ետ ստացավ։ Ես Բեթսիի մասին այնպես եմ խոսում, որ կարծես թե զինվոր է։ Շա՛տ լավ։ Այնուհետև Բեթսին ուզեց իր կայքը մի ուրիշ կերպ շահեցնել։ Նա երևակայեց, թե ինքն այժմ ավելի խելոք է, քան գործնական մարդը, որ այլևս առաջվա պես ճարպիկ չէր․․․ խոսքս ձեր հոր մասին է, Ագնես․․․ և վճռեց առանց նրան բան ասելու՝ իր գործն անձամբ հոգալ։ Եվ ինչպես ասում են՝ փիս խրվեց։ Նախ և առաջ մի հանքային գործում վնաս քաշեց․ հետո մի ծովային գործում վնաս կրեց․․․ ուր ծովի հատակից կորած գանձեր ու չգիտեմ էլ ինչ հիմար բաներ պիտի որսային․․․ ― ասաց տատս, քիթը տրորելով, ― հետո նորից հանքերի մեջ վնասվեց և վերջապես ամեն բան միանգամից ուղղելու համար՝ բանկային գործում կոտր ընկավ։ Մի որոշ ժամանակ ես չգիտեի, թե այդ բանկի տոմսերը որքա՞ն արժեն․․․ Կարծեմ ամեն մեկին հարյուր տոկոս էր խոստացված․․․ չեմ էլ իմանում, թե բանկն աշխարհիս ո՞ր ծայրումն էր․ միայն գիտեմ, որ նա մի օր հոդս ցնդեց և իր տոմսերի փոխարեն վեց պենս անգամ չվճարեց՝ այնինչ Բեթսիի բոլոր փողերն այդ տոմսերի մեջ էին, և ահա այդպես վերջացան։ Է՛լ չխոսենք այդ մասին։

Այս փիլիսոփայական վերջաբանը տատս կնքեց, մի հաղթական հայացք գցելով Ագնեսի վրա, որի դեմքն արդեն սկսել էր զվարթանալ։

― Եվ ա՞յդ է բոլոր պատմությունը, սիրելի միս Տրոտուդ, ― հարցրեց Ագնեսը։

― Կարծեմ այդ էլ բավական է, որդյակ իմ, ― ասաց տատս։ ― Եթե Բեթսին դարձյալ կորցնելու փող ունենար, գուցե էլի մի պատմելու բան գտներ, որովհետև այդ մնացորդն էլ կորածների հետևից կուղարկեր և պատմության վրա մի նոր գլուխ կավելացներ։ Բայց փող որ չկա, պատմելու բան էլ չկա։

Ագնեսը սկզբում շունչը պահած էր ականջ դնում։ Այժմ էլ նրա դեմքը մերթ սփրթնում էր, մեկ կարմրում, բայց շունչն ավելի ազատ էր, և ես կարծեմ հասկանում էի, թե ինչո՞ւ։ Անշուշտ նա վախենում էր, թե իր անբախտ հայրիկը որևէ դեր կունենա տատիս նյութական վնասների մեջ։ Տատաս բռնեց նրա երկու ձեռքն ու ծիծաղելով ասաց․

― Եվ դուք հարցնում եք, թե ա՞յս է բոլոր պատմությունը։ Այո՛, այս է։ Կմնա միայն վերջաբանն ավելացնել, թե «այն օրից նա բախտավոր ու երջանիկ էր»։ Գուցե այդ էլ շուտով ավելացնեմ միս Բեթսիի պատմության վրա։ Իսկ այժմ գիտե՞ս ինչ կասեմ․ սիրելի Ագնես, դու լավ գլուխ ունես։ Դու էլ, Տրոտ, բավական խելոք ես, թեև ոչ միշտ, ― հարեց տատս, գլուխը սաստիկ թոթովելով։ ― Մեր անելիքն այժմ ի՞նչ է։ Իմ Դուվրի տունը կարող է տարեկան յոթանասուն ստեռլինգ եկամուտ տալ միջին հաշվով։ Շատ լավ․․․ բայց եղած֊չեղածը միայն այդ է։ Է՛լ ուրիշ բան չկա, ― ասաց տատս ու դադարեց․․․ Իսկ և իսկ այն ձիերի նման, որոնք հանկարծ կանգ են առնում արշավելու միջոցին։

― Եթե կամենաք, ― ասաց տատս մի քիչ լռելուց հետո, ― Դիկն էլ կա։ Նա էլ ունի տարեկան մի հարյուր ստեռլինգի արդյունք, բայց այդ գումարը միայն իր անձնական պետքերի վրա պիտի ծախսվի։ Ես ավելի լավ կհամարեմ վռնդել նրան, թեև ես եմ նրան գնահատող միակ անձը, քան թե այդ գումարից գեթ մի պենս վատնել։ Մեր միջոցներով Տրոտն ու ես ինչպե՞ս պիտի կառավարվենք։ Ի՞նչ կասեք, Ագնես։

― Ես որոշել եմ մի բան անել, ― ասացի ես Ագնեսից առաջ։

― Եվ ի՞նչ բան, ― ընդհատեց տատս։ ― Օրինակի համար զինվո՞ր կդառնաս կամ նավաստի՞։ Լսել անգամ չեմ ուզում։ Ներեցեք, սըր, չեմ ուզում այդպիսի գժեր տեսնել իմ շուրջը։ Դու պրոկտոր կդառնաս։

Ուզում էի բացատրել, թե ես ամենևին մտադիր չեմ մեր տան մեջ մի զինվորական կամ ծովային տարր մտցնել, բայց Ագնեսն առաջս կտրեց հարցնելով, թե բնակարանիս ժամանակը ե՞րբ է վերջանում։

― Բուն խնդիրն էլ հենց այդ է, որդյակ, ― գոչեց տատս։ ― Մենք առնվազն վեց ամսով կապված ենք, եթե ինքներս մեկ ուրիշին վարձու չտանք, որ հեշտ բան չէ։ Վերջին վարձողն այստեղ է մեռել, և վեց վարձողից անշուշտ հինգը կմեռնի այն նանկինի շապկով ու ֆլանելի ֆիստոնով կնոջ ձեռքից։ Գրպանումս դեռ մի քանի ոսկի կա, և կարծում եմ լավ կլինի մինչև պայմանաժամի չքանալն այստեղ մնալ, իսկ Դիկի համար մոտերքում մի ննջարան վարձել։

Պարտք համարեցի նկատել տատիս, թե նրա համար ձանձրալի կլինի միշտ պատերազմ մղել մրս․ Կրոպպի հետ, բայց տատս կտրուկ կերպով պատասխանեց, թե թշնամության նշան տեսնելուն պես, մի այնպիսի օյին կբերի այդ կնոջ գլխին, որ նա մինչև մահվան օրն ահ ու դողից չազատվի։

― Կարծում էի, Տրոտուդ, ― ասաց Ագնեսը քաշվելով, ― որ եթե ժամանակ ունենայիք․․․

― Ես ազատ ժամանակ շատ ունեմ, Ագնես։ Ժամը չորսից կամ հինգից հետո միշտ ազատ եմ․ վաղ առավոտյան նույնպես ազատ եմ։ Համենայն դեպս, պարապ ժամեր միշտ կգտնեմ, ― հարեցի ես ու կարմրեցի, հիշելով այն բազմաթիվ ժամերը, որ վատնել էի Նորվուդի ճանապարհի վրա քարշ գալիս։

― Վստահ չեմ արդյոք կուզենայի՞ք քարտուղարի պաշտոն վարել, ― կամացուկ ասաց Ագնեսը մի այնպիսի քաղցրությամբ, որ այսօր էլ հիշում եմ։

― Եվ ինչո՞ւ եք անվստահ, սիրելի Ագնես։

― Բանն այս է, ― շարունակեց Ագնեսը, ― որ դոկտոր Ստրոնգն ըստ իր վաղեմի ցանկության արդեն եկել և հաստատվել է Լոնդոնում։ Եվ ես գիտեմ, նա հորս խնդրել է մի քարտուղար գտնել իր համար։ Ի՞նչ եք կարծում, նա չէ՞ր ուզենա իր սիրած նախկին աշակերտին հրավիրել, քան ուրիշին։

― Օ՜հ, Ագնես, ― ասացի ես։ ― Ի՞նչ կլինեի առանց ձեզ։ Դուք իմ բարի հրեշտակն եք։ Ես այդ միշտ կրկնել եմ։ Ես չեմ կարող մի ուրիշ կերպ պատկերացնել ձեզ մտքիս մեջ։

Ագնեսը հեզիկ ժպտալով պատասխանեց, թե մեկ հրեշտակն էլ ինձ հերիք է (ակնարկում էր Դորային), իսկ երկուսն ունենալը արդեն շատ է։ Հետո ասաց, թե դոկտորը սովոր է միայն առավոտյան ու երեկոյան ժամերին պարապել, և թե ուրեմն իմ ազատ ժամերը շատ կարող էին նրա պետքերին հարմար գալ։ Անձնական ջանքով հաց վաստակելու ակնկալությունը գուցե ինձ այնքան չուրախացրեց, որքան այն հույսը, թե այդ հացը մեծարգո վարժապետիս մոտ աշխատելով պիտի վաստակեմ։ Ուստի Ագնեսի խորհրդի համաձայն իսկույն նստեցի ու գրեցի դոկտորին, թե պատիվ կունենամ հետևյալ առավոտյան ժամը տասին ներկայանալ նրան։ Նամակս պետք էր Հայգեթ ուղարկել, որովհետև դոկտոր Ստրոնգը այդ ինձ համար արժանահիշատակ կենտրոնումն էր բնակվել։ Առանց ժամանակ կորցնեու՝ նամակը ես ինքս փոստ տարա։

Որտեղ էլ լիներ Ագնեսը, նրա անշշուկ ներկայության հաճելի հետքն այնտեղից անբաժան էր։ Երբ որ փոստից ետ եկա, տատիս թռչնի վանդակն արդեն կախված էր պատուհանում․ թիկնաթոռս պատուհանի մոտ էր դրված այն դիրքով, ինչ դիրք որ տատիս շքեղ բազկաթոռն ուներ․ մինչև անգամ այն կանաչ լուսարգելը, որ տատս բերել էր իր հետ, այժմ իրեն պատշաճավոր տեղն էր գտել պատուհանի վրա։ Իսկույն իմացա, թե ո՞վ է արել այդ բոլորը, և եթե Ագնեսը հազար մղոն հեռու լիներ, դարձյալ ես մի ակնարկով կիմանայի, թե ո՞վ է գրքերս դարակի վրա այնպես շարել, ինչպես որ ես էի շարում աշակերտությանս ժամանակ։ Սակայն Ագնեսը ներկա էր, և ես տեսնում էի, թե ինչպե՞ս ժպտալով շարունակում է կարգի բերել ամեն բան։

Տատս շատ գոհ էր Թեմզայից (որ իրոք փառահեղ էր արևի տակ, թեև ոչ այն ծովի պես, որ փռված էր Դուվրի տան դեմուդեմը), և շատ դժգոհ Լոնդոնի ծխից, որ իր ասելով ամեն բան «պղպեղում էր»։ Այդ պղպեղի դեմ Պեգգոտին մի սոսկալի կռիվ էր սկսել բնակարանիս բոլոր անկյուններում, և ես ապշած դիտում էի, որ նույնիսկ Պեգգոտին, չնայած իր հանած աղմուկին, Ագնեսից պակաս է բան շինում, թեև սրա ձայնն անգամ չէիր լսում։ Շատ չանցած դրսի դուռը բախեցին։

― Երևի թե հայրիկս է, ― ասաց Ագնեսը սփրթնելով։ ― Նա ասել էր, թե գալու է։

Ես դուռը բաց արի ու ներս թողի ոչ միայն մր․ Ուիկֆիլդին, այլև Ուրիաս Հիպին։ Վաղուց չէի տեսել մր․ Ուիկֆիլդին, և թեպետ Ագնեսի պատմածից գիտեի, որ շատ փոխված կլինի, բայց և այնպես շվարած մնացի նրան տեսնելով։

Չի կարելի ասել, թե նա շատ ծերացել էր, թե երեսի կարմրությունը պակասել էր, թե ձեռքերն ավելի էին դողում և կամ աչքերն ավելի էին արյունով լցված, թե նրա հագուստն առաջվա պես վայելուչ չէր, թե ձևերը նախկին շնորհքը չունեին։ Ո՛չ։ Շվարելուս պատճառն այն էր, որ մր․ Ուիկֆիլդը, չնայած իր բնական ազնվության, որ տակավին պահպանել էր, այն մարմնացյալ ստորություն, այն գետնաքարշ արարածին՝ Ուրիաս Հիպին էր ենթարկվում։ Անկարելի էր պատկերացնել մի ավելի ողորմելի տեսարան, քան այդ երկու բնավորությունների հիմն ի վեր հեղաշրջումն իրենց փոխադարձ դիրքի մեջ՝ Ուրիասի իշխանությունը և մր․ Ուիկֆիլդի հպատակությունը։ Եթե ես ադամորդուն հրաման տվող կապիկ տեսնեի, չեմ կարծում, որ այդ պատկերն ինձ ավելի խայտառակ երևար, քան այդ։

Մր․ Ուիկֆիլդն, ըստ երևույթին, ինքն էլ իր վիճակի նվաստությունը զգում էր։ Ներս մտնելուն պես նա գլխիկոր կանգ առավ, կարծես ամաչելով ինքն իրենից։ Այդ միայն մի վայրկյան տևեց։ Ագնեսը հեզաբար մոտեցավ նրան ու ասաց․ «Հայրիկ, ահա միս Տրոտուդը․․․ և մր․ Կոպպերֆիլդը, որին վաղուց չես տեսել։ Այն ժամանակ ծերունին մի քանի քայլ առաջ անցավ, վարանելով աջը տվեց տատիս և իմ ձեռքը ամուր սեղմեց։ Այդ միջոցին Ուրիաս Հիպի շուրթերի վրա մի չարախինդ ժպիտ տեսա։ Կարծեմ Ագնեսն էլ նույնը նկատեց, որովհետև անմիջապես նրանից հետ քաշվեց։

Արդյոք տատս էլ այդ նկատե՞ց, թե՞ չնկատեց, չգիտեմ, և հավատացած եմ, որ ոչ մի դիմագետ էլ չէր իմանա՝ առանց նրա հատուկ հոժարության։ Աշխարհիս երեսին մարդ չկար, որ կարողանար ուզած րոպեին ավելի անվրդով և անքննելի երևալ, քան տատս։ Ինչպես որ անշարժ պատից, նույնպես էլ տատիս դեմքից չէր կարելի նրա զգացումը գուշակել, եթե նա հանկարծ իրեն հատուկ սաստկությամբ իր լռությունը չընդհատեր։

― Դե՛, Ուիկֆիլդ, ― ասաց տատս, և մր․ Ուիկֆիլդն առաջին անգամ նրա երեսին նայեց։ ― Ես պատմում էի ձեր աղջկան, թե ինչպես լավ եմ իմ փողերը գործադրել առանց դիմելու ձեր խորհրդին, որովհետև այսպիսի գործերում դուք արդեն բոլորովին անպետք եք։ Ամեն բան միասին քննելով, մենք գտանք, որ գործերի ընթացքը շատ հաջող է։ Իմ կարծիքով՝ Ագնեսը մենակ, ձեր ամբողջ ֆիրմայից ավելի արժի։

― Եթե կներվի ինձ մի խոնարհ կարծիք հայտնել, ― ասաց Ուրիաս Հիպն՝ օձի նման գալարվելով, ― ես լիովին համամիտ եմ միս Բեթսի Տրոտուդի հետ, և երջանիկ կլինեի, եթե միս Ագնեսը մեր ընկերությանը մասնակցեր։

― Դուք հո արդեն մասնակի՞ց եք, ― նկատեց տատս, ― և այդ արդեն բավական է։ Ինչպե՞ս եք, պարոն։

Հիպը այդ չոր հարցումը լսելուն պես, թևի տակ բռնած կապույտ թղթապանակը շոշափեց և անհանգիստ գլուխ տալով տատիս, պատասխանեց, թե առողջ է։ Այնուհետև հույս հայտնեց, թե տատս էլ երևի քաջառողջ է։

― Իսկ դո՞ւք, մաստր․․․ ներեցեք, ուզում էի ասել՝ միստր Կոպպերֆիլդ, ― ասաց Ուրիասը, ― անտարակույս դուք էլ առողջ եք։ Ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ, միստր Կոպպերֆիլդ, նույնիսկ ներկա հանգամանքներում։

Պարզ է, որ իմ ներկա հանգամանքները նրան շատ հաճելի էին։

― Ձեր բարեկամներն անշուշտ կուզենային ուրիշ հանգամանքների մեջ տեսնել ձեզ, ― շարունակեց Ուրիասը, ― սակայն մարդուս մարդ շինողը փողը չէ, այլ․․․ ներեցեք, ես անզոր եմ թույլ ուժերովս բացատրել, թե ինչն է, ― հարեց նա նվաստաբար քծնելով, ― միայն գիտեմ, որ փողը չէ։ Ո՛չ։

Եվ նա սկսեց աջս թոթվել, բայց ոչ թե սովորական եղանակով, այլ հեռվից, և վերցնելով ու ցած թողնելով, ինչպես մի ջրհանի կոթ, որից կարծես վախենում էր։

― Իսկ մեր առողջությունը ինչպե՞ս եք գտնում, մաստր․․․ կուզեի ասել՝ միստր Կոպպերֆիլդ, ― հարցրեց Ուրիասը կծկվելով։ ― Իրավ չէ՞, սըր, որ մր․ Ուիկֆիլդը քաջառողջ է։ Տարիները մեր ֆիրմայի վրա շատ են ազդում, մաստր Կոպպերֆիլդ։ Տարիները միայն բարձրացնում են խոնարհներին, այսինքն՝ համեստ մորն ու որդուն․․․ և միս Ագնեսի գեղեցկությունն ու շնորհքը զարգացնում։

Այս կոմպլիմենտից հետո, Ուրիասը այնպես զզվելի կերպով կուչ եկավ, որ տատս համբերությունը կորցրեց։

― Սատանան տանի դրան, ― գոչեց տատս։ ― Ի՞նչ է պատահել այդ մարդուն։ Հերիք է, պարոն, քանի՜ ծռմռվեք։

― Ներեցեք, միս Տրոտուդ, ― պատասխանեց Ուրիասը, ― գիտեմ, որ մի քիչ ջղային եք։

― Խնդրեմ կորեք, սըր, ― գոչեց տատս բարկությամբ։ ― Չհամարձակվեք մի այդպիսի բան ասել։ Ես ամենևին ջղային չեմ։ Եթե դուք օձաձուկ եք, այդ ձկան պես էլ վարվեցեք․ իսկ եթե մարդ եք, ձեր անդամների շարժումը զեպեցեք։ Տե՜ր ողորմյա, ― ասաց տատս, ավելի զայրանալով, ― ես թույլ չեմ տա, որ դուք գլուխս ման բերեք, շռնչանի կամ հոլի պես պտույտ գալով։

Ուրիասն այս բռնկումից փոքր֊ինչ շփոթվեց, մանավանդ երբ որ տատս աթոռը հրեց ու գլուխն այնպես թափահարեց, որ կարծես ուզում էր նրա վրա նետվել։ Ուրիասը շուռ եկավ ու մեղմ ձայնով ասաց ինձ․

― Գիտեմ, մաստր Կոպպերֆիլդ, որ միս Տրոտուդն իր բոլոր արժանիքներով հանդերձ մի քիչ ներվային տիկին է։ Ես պատիվ ունեմ ճանաչելու նրան, երբ դեռ մի հասարակ գրագիր էի։ Բնական է, որ ներկա հանգամանքներում նրա դյուրագրգռությունը ավելի սաստկացած լինի։ Կզարմանայի, եթե այդպես չլիներ։ Ես եկել եմ միայն հայտնելու, որ եթե ներկա պարագաներում մայրս ու ես, կամ մր․ Ուիկֆիլդն ու Հիպը, կարողանանք մի որևէ բանով ձեզ օգնել, անչափ ուրախ կլինենք։ Կարծեմ առաջարկս մեր շահերին չի վնասի, ― ասաց Հիպը և մի չար ժպիտով մր․ Ուիկֆիլդին նայեց։

― Ուրիաս Հիպը շատ արթուն է գործի մեջ, Տրոտուդ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը մի բռնազբոսիկ ու միակերպ ձայնով։ ― Ես լիովին ընդունում եմ նրա ասածը։ Գիտեք, որ ես միշտ համակրել եմ ձեզ․ բացի այդ՝ ինչ որ Ուրիաս Հիպն ասի, նույնը ես կկրկնեմ։

― Ա ՜հ, որպիսի վարձատրություն․․․ որքան երջանիկ եմ այդ անսահման հավատարմությամբ, ― ճվաց Ուրիասը, ոտքը առաջ տնկելով ու վիզը մի կողմ թեքելով, որի համար տատս պատրաստ էր երկրորդ անգամ սաստել նրան։ ― Սակայն, մաստր Կոպպերֆիլդ, իրա՞վ է, որ ես փոքր֊ինչ թեթևացնում եմ նրա պաշտոնի ծանր բեռը։

― Ուրիաս Հիպը գործս շատ է հեշտացնում, ― ասաց մր․ Ուիկֆիլդը միևնույն ընկճված ձայնով։ ― Նրա ընկերությունը բեռիս կեսից ազատում է ինձ, Տրոտուդ։

Այդ բոլորը ասում էր ստոր աղերսի թելադրությամբ, որի նպատակն ինձ հայտնի էր։ Ուրիասն ուզում էր նրա բերանով արդարացնել այն բոլորը, ինչ որ ասել էր ինձ սենյակիս օդը թունավորելու գիշերը։ Ես նորից տեսա նրա չար ժպիտը, մինչ նա ուշի֊ուշով դիտում էր ինձ։

― Հայրիկ, մի՞թե արդեն գնում եք, ― ասաց Ագնեսն անձկությամբ։ ― Եթե կամենաք, Տրոտուդն ու ես կուղեկցենք ձեզ։

Մր․ Ուիկֆիլդը պատասխանելուց առաջ, անշուշտ Ուրիասին կնայեր, եթե այս արժանավոր անձը նրա առաջը չառներ։

― Ես մեկին մի կարևոր գործի համար ժամադիր եմ եղել, ― ասաց Ուրիասը, եթե ոչ՝ ուրախությամբ բարեկամներիս շրջանում կմնայի։ Սակայն իմ փոխարեն ընկերն այստեղ կմնա։ Ձեր խոնարհ ծառան եմ, միս Ագենս։ Բարի գիշեր, մաստր Կոպպերֆիլդ, խնդրեմ մատուցեք խորին հարգանքս միս Բեթսի Տրոտուդին։

Ասաց ու գնաց, իր կոպիտ աջով օդային համբյուրներ ուղարկելով մեզ և դիվային հայացք գցելով մեր վրա։

Մյուսներս դարձյալ մի երկու ժամ միասին նստեցինք, խոսելով այն երջանիկ օրերի մասին, որ վայելել էինք Կենտրբըրիում։ Մր․ Ուիկֆիլդը Ագնեսի հետ մնալով, նորից մի քիչ աշխուժացավ, թեև թախիծը երեսից անբաժան էր, և վերջ ի վերջո հաճությամբ սկսեց ականջ դնել մեր անցյալի մանր֊մունր հիշատակներին, որ ինքն էլ դեռ չէր մոռացել։ Նա ասաց, թե Ագնեսի ու ինձ հետ այն հին օրերը հիշելիս, կարծես վերապրում է անցյալը, և կցանկանար որ նրանք միշտ անփոփոխ մնային։ Ակներև էր, որ Ագնեսի հեզիկ նայվածքը հոր վրա և նույնիսկ նրա ուսի թեթև շոշափումը անասելի սփոփանք էր պատճառում խեղճ մարդուն։

Տատս, որ այդ միջոցին մյուս սենյակում Պեգգոտիի հետ զբաղված էր, չուզեց հյուրերին ուղեկցել, երբ նրանք հեռանալու վրա էին, այլ խնդրեց, որ ես գնամ նրանց հետ։ Ես էլ գնացի։ Մենք միասին ճաշեցինք։ Ճաշից հետո Ագնեսը հոր մոտ նստելով, ինչպես մի ժամանակ, սկսեց նրա համար գինի լցնել։ Հայրն էլ երեխայի նման վերցնում էր, ինչ որ աղջիկը տալիս էր՝ ոչ ավելի։ Եվ այսպես մինչև երեկոյան մութը երեքս միասին մնացինք։ Մթնելուց հետո մր․ Ուիկֆիլդը բազմոցի վրա թեք ընկավ․ Ագնեսը մի բարձ դրեց նրա գլխի տակ և մի քանի րոպե նրա սնարի մոտ մնաց։ Երբ նա նորից պատուհանին մոտեցավ, այնքան մութ չէր, որ ես նրա աչքերում փայլող արտասուքը չնկատեի։

Աղաչում եմ աստծուն՝ շնորհ տալ ինձ չմոռանալու այդ պատվական աղջկա հավատարիմ, ճշմարիտ սերը, որով նրան ներշնչված տեսա կյանքիս այդ դժվարին միջոցին։ Եթե մոռանամ, այդ նշան կլինի, թե կյանքիս վախճանն արդեն հասել է, և այն ժամանակ ավելի կփափագեմ հիշել նրան։ Նա այնքան բարի մտքեր զարթեցրեց սրտիս մեջ, այնքան իր կենդանի օրինակով իմ թույլ կամքը զորացրեց և թեպետ շատ համեստ ու սակավախոս էր, բայց իմ թռուցիկ եռանդին ու երերուն ձգտումներին այնպես հաստատ ուղղություն տվեց, որ եթե ես կյանքիս մեջ գեթ մի բարիք եմ արել կամ գեթ մի չարիք խափանել ― հանդիսաբար վկայում եմ ― այդ միայն նրան եմ պարտական։

Եվ ինչպե՜ս էր խոսում Դորայի մասին, ինչպե՜ս էր գովասանքներիս ականջ դնում, ինքն էլ իր կողմից նրան գովում էր, իր ջինջ լույսից փայլ սփռելով այդ դյութական էակի վրա, որ այժմ ավելի սիրարժան և անմեղ էր երևում ինձ։ Օ՜հ, Ագնես, իմ երիտասարդության ազնիվ քույրիկ, եթե գիտենայի այդ միջոցին, ինչ որ հետագայում իմացա․․․

Ագնեսի սենյակից իջնելիս ես փողոցում մի մուրացկան տեսա և այն րոպեին, երբ դեպի ընկերուհուս պատուհանը նայեցի, նրա հրեշտակային աչքերի մասին մտածելով, հանկարծ մի սարսուռ զգացի աղքատի ձայնից, որ մրմնջում էր․

«Կո՜ւյր, կո՜ւյր, կո՜ւյր»։


ԺԶ․ գլուխ

Ոգևորություն


Հետևյալ օրը հռոմեական բաղնիքը մտա և հետո Հայգեթ գնացի։ Առաջվա վհատությունս արդեն անցել էր։ Ես չէի վախենում աղքատ հագուստից․ ոչ էլ ափսոսում էի, որ այլևս իմ գորշ ձին չպիտի հեծնեմ։ Բոլոր մտքերս մեզ հասած աղետի մասին միանգամայն փոխվել էին։ Այժմ պետք էր ― այդ էր հաստատ որոշումս ― տատիս ցույց տալ, որ նրա անցյալ բարությունները մի անզգա, մի ապերախտ էակի վրա չեն վատնված։ Այժմ պետք էր օգուտ քաղել մանուկ հասակիս տաժանելի փորձերից և անվեհեր, հաստատուն կամքով ձեռնամուխ լինել աշխատության։ Պետք էր քաջորեն փայտահատի կացինը ձեռքն առնել և արգելքների անտառի միջով ճանապարհ բանալ, ծառերն աջ ու ձախ տապալելով, մինչև որ հասնեմ Դորային։ Եվ ես գնում էի մեծ֊մեծ քայլեր անելով, կարծես թե այդ լիներ նպատակիս շուտ հասնելու միջոցը։

Երբ Հայգեթ քաջածանոթ ճամփու վրա ոտք դրի այդպիսի որոշումով, ոչ թե միայն զվարճանալու ու զբոսնելու հաճույքով, ինչպես որ առաջ էի անում, այն ժամանակ իրոք զգացի, որ կյանքիս մեջ մի հիմնական փոփոխություն է կատարվել, սակայն չվհատվեցի այդ բանից։ Նոր կյանքի հետ նոր հույսեր, նոր ձգտումներ առաջ եկան։ Աշխատանքս մեծ պիտի լիներ, բայց վարձս էլ՝ մեծ։ Վարձս էր Դորան, և պետք էր շահել, տիրել Դորային։

Հափշտակությունս այն աստիճան սաստկացել էր, որ ափսոսում էի, թե ինչո՞ւ շորերս մի քիչ մաշված չեն։ Փափագում էի իսկույն արգելքների անտառից մի քանի ծառ կտրել ու տապալել, որ զորությունս հայտնի անեմ։ Տեսնելով ճանապարհին մի ծերուկի, որ ցանցկեն ակնոց հագած քար էր ջարդում, ուզում էի նրա մուրճը խնդրել և որձաքարի մեջ շավիղ բանալ մինչև Դորան։ Ես եռանդից այնքան տաքացել, քրտնել էի և շունչս այնպես բռնվել էր, որ կարծես մի ահագին գործ էի կատարել ու չգիտեմ՝ որքան գումար վաստակել։ Այս բորբոքված վիճակիս մեջ վարձու տրվող մի կոտտեջ (տնակ) նկատեցի և ուշի֊ուշով զննեցի այն, որովհետև զգում էի, որ պետք է ես մի գործնական մարդ դառնամ։ Տնակը Դորայի ու իմ համար էր․ դիմացը մի փոքրիկ պարտեզ ուներ, ուր Ջիպը կարող էր ազատ վազել ու վանդակորմի հետևից փերեզակների վրա հաչել։ Տատիս համար էլ վերնահարկում մի ընդարձակ սենյակ կար։ Տնակը լավ նայելուց հետո ավելի մեծ փութով դեպի Հայգեթ շտապեցի և մի ժամ առաջ այնտեղ հասա։ Բայց եթե այդպես վաղ էլ չհասնեի, ինձ պետք կլիներ հովանալու համար մի քիչ զբոսնել, որ կարենայի շենք ու շնորհքով ներկայանալ։

Այդ անհրաժեշտ գործից հետո, դոկտորի տունը սկսեցի որոնել։ Դա Հայգեթի այն մասում չէր, ուր բնակվում էր մրս․ Ստիրֆորթը, այլ փոքրիկ քաղաքի բոլորովին հակառակ ծայրում։ Այդ գյուտից հետո, մի հրապույրի հետևելով, որին անկարող էի դիմադրել, ես մրս․ Ստիրֆորթի բակի մոտով անցա և այգու պատի վրայից դեպի ներս նայեցի։ Որդու պատուհանները փակված էին։ Ծաղկոցի դռները բաց էին, և Ռոզա Դարտլը շտապ֊շտապ ու գլխաբաց ման էր գալիս մարգի ավազոտ ճեմելիքում։ Նա ինձ մի կապված վայրագ գազան հիշեցրեց, որ միևնույն տեղում իր շղթան վեր ու վար էր քարշ տալիս, զայրույթից ինքն իր սիրտը լափելով։

Հանդարտ հեռացա իմ դիտարանից և այդ շրջանը թողնելով, որին մոտենալս անգամ ափսոսում էի, մինչև ժամը տասը թափառեցի։ Այժմ բլրի վրա բարձրացող սրածայր աշտարակով եկեղեցին այն ժամանակ դեռ չէր շինված․ դրա տեղ մի աղյուսաշեն կարմիր տուն էր կանգնած, մի հինավուրց հոյակապ տուն, որը թաղի դպրոցն էր։ Ո՞վ գիտի՝ նրա աշակերտներն ինչպես լավ էին սովորում։

Երբ մոտեցա դոկտոր Ստրոնգի կոտտեջին ― դա էլ մի հին տուն էր, որի նոր զարդերի վրա նա բավական փող ծախսած կլիներ ― դոկտորը պարտեզում ճեմում էր՝ դարձյալ նույն մուճակներն ու նույն զգեստը հագած, ասես թե իմ աշակերտության օրերից ի վեր ճեմելուց չէր դադարել։ Դարձյալ նրան նույն ընկերներն էին շրջապատում, որովհետև այդտեղ էլ հին ծառեր կային և արոտի վրա երեք֊չորս ագռավ, որոնք հանգիստ դիտում էին նրան, կարծես Կենտըրբրիի ագռավներից մի գրավոր պատվեր ստացած լինեին մենակ չթողնելու դոկտորին։

Արդեն քաջ գիտենալով, որ գիտնական դոկտորի ուշադրությունը հեռվից գրավելն անկարելի է, ես պարտեզի դուռը համարձակ բացեցի և նրա հետևից գնացի, որպեսզի նա շուռ գալուն պես ինձ տեսնի։ Նա շուռ եկավ, մի քանի վայրկյան մտախոհ վրաս նայեց՝ հարկավ առանց ճանաչելու․ հանկարծ նրա բարի դեմքի վրա մի հաճության ժպիտ փայլեց․ և նա երկու ձեռքս բռնեց։

― Ա՜ա, սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― ասաց դոկտորը։ ― Արդեն օրինավո՞ր մարդ եք։ Ինչպե՞ս եք։ Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ։ Եվ որքա՜ն գեղեցկացել եք, սիրելիդ իմ Կոպպերֆիլդ։ Այո՛, լիովին չափահաս տղամարդ․․․ զարմանալի՜ բան։

Իր առողջությունը հարցրի, հույս հայտնելով թե մրս․ Ստրոնգն էլ առողջ կլինի։

― Շատ շնորհակալ եմ, ― ասաց դոկտորը։ ― Աննին էլ լիովին առողջ է և հարկավ ձեզ տեսնելով շատ կուրախանա։ Դուք միշտ նրա սիրելին էիք։ Նա դեռ երեկ այդպես ասաց, երբ ձեր նամակն իրեն ցույց տվի։ Եվ․․․ այո, հարկավ․․․ դուք հո հիշո՞ւմ եք մր․ Ջոն Մելդընին, Կոպպերֆիլդ։

― Շատ լավ, սըր։

― Անշուշտ, կհիշեք, ― ասաց դոկտորը։ ― Նա էլ լիովին ողջ֊առողջ է։

― Մի՞թե արդեն վերադարձել է, սըր։

― Հնդկաստանի՞ց։ Այո։ Մր․ Ջոն Մելդընը չէր կարող այնտեղի օդին դիմանալ, սիրելիդ իմ։ Մրս․ Մարկլհեմը․․․ հո չե՞ք մոռացել մրս․ Մարկլհեմին։

Մոռանալ Հին Զինվորի՞ն։ Եվ այդպես կարճ ժամանակամիջոցո՜ւմ։

― Մրս․ Մարկլհեմը, այդ խեղճ կինը նրա մասին շատ անհանգիստ էր, ― ասաց դոկտորը։ ― Այդ պատճառով, սիրելի Կոպպերֆիլդ, մենք նրան ետ կանչեցինք ու նրա համար մի լավ պաշտոն ճարեցինք, որ շատ ավելի հարմար է գալիս իր ճաշակին։

Լավ ճանաչելով մր․ Ջոն Մելդընին, կարող էի արդեն գուշակել, որ այդ պաշտոնը նրանից շատ աշխատանք չէր պահանջի և բավական թանկ նստած կլիներ դոկտորին։ Դոկտորը և ես ետ ու առաջ էինք քայլում պարտեզի մեջ։ Աջն ուսիս ու քաղցրությամբ երեսիս նայելով նա ասաց․

― Գանք այժմ ձեր առաջարկին, սիրելիդ իմ Կոպպերֆիլդ։ Ինձ համար դա, համենայն դեպս, շատ հաճելի ու ցանկալի է․ սակայն վստա՞հ եք արդյոք, մի՞թե ավելի օգտակար գործ չեք գտնի։ Դուք մեզ մոտ առաջադեմ աշակերտ էիք և ամեն տեսակ ազնիվ բանի ընդունակ։ Ձեր կրթության հիմքն այնքան մաքուր է, որ դրա վրա ինչ շենք ասես կարելի է հաստատել․ և մի՞թե ափսոս չէ, որ կամենում եք ձեր կյանքի գարունն իմ առաջարկած չնչին բանին նվիրել։

Ես նորից վառվեցի և ճարտասանական պերճ ոճերով խնդիրս երկրորդեցի, հիշեցնելով դոկտորին, թե արդեն մի պաշտոն ունեմ Դոկտորների Համայնքում։

― Այո՛, այո՛, ճշմարիտ է, ― ասաց դոկտորը։ ― Գործի դրությունը հարկավ ուրիշ է, եթե ունեք մի որոշ պաշտոն և կարող եք ձեր իրավաբանական ուսումը շարունակել։ Բայց և այնպես, երիտասարդ բարեկամ, ի՞նչ նշանակություն ունի իմ որոշած տարեկան յոթանասուն ստեռլինգը․ դա մի չնչին գումար է։

― Դրանով մեր եկամուտը կկրկնապատկվի, դոկտոր Ստրոնգ, ― ասացի ես։

― Իրա՞վ եք ասում, ― գոչեց դոկտորը։ ― Ում մտքով կանցներ մի այդպիսի բան։ Սակայն չկարծեք թե միայն յոթանաուն ստեռլինգ կլինի իմ վճարելիք գումարը, որովհետև ես մտադիր եմ նաև տարեկան պարգև անել այն երիտասարդին, որ իմ մոտ կպաշտոնավարի։ Այո, անշուշտ, ― կրկնեց դոկտորը, շարունակելով աջն ուսիս վրա բռնել։ ― Ես միշտ հաշվիս մեջ մտցրել եմ մի որոշ տարեկան նվեր։

― Իմ մեծարգո վարժապետ, ― ասացի ես (և այս անգամ առանց ուռուցիկ ոճերի), ― դուք ինձ այնքա՜ն բարիք եք արել և ես այնքա՜ն պարտական եմ ձեզ, որ․․․

― Ո՛չ, ո՛չ, ― ընդհատեց ինձ դոկտորը։ ― Ներեցեք։

― Եթե հարմար համարեք իմ առավոտյան ու երեկոյան աշխատանքն ընդունել և ինձ յոթանասուն ստեռլինգի վարձատրության արժանի գտնեք, մի այնպիսի շնորհ արած կլինեք, որ լեզվով հայտնել չեմ էլ կարող։

― Ճշմարի՞տ, ― ասաց դոկտորն անկեղծաբար։ ― Ո՞վ կերևակայեր, թե իմ չնչին առաջարկն այդքան մեծ արժեք կունենա։ Դե լավ։ Միայն թե մի պայման․երբ էլ ձեզ համար մի շահավետ գործ բացվի, դուք ինձ իսկույն կհայտնեք։ Խոսք տալի՞ս եք, ― ասաց դոկտորը, կրկնելով այն հարցումը, որ սովոր էր ուղղել իր աշակերտների պատվազգացությանը։

― Ազնիվ խոսք, սըր, ― պատասխանեցի ես, ինչպես որ անում էինք մի ժամանակ դպրոցում։

― Ուրեմն բանը վերջացած է, ― ասաց դոկտորը, ուսիս զարնելով։

Շարունակեցինք ման գալ, բայց նա իր աջը դեռ ուսիս վրա դրած էր պահում։

― Եվ ես քսան անգամ ավելի երջանիկ կլինեմ, սըր, ― ասացի ես մի փոքրիկ․․․ և հուսամ թե անմեղ շողոքոթությամբ, ― եթե ձեր բառարանի վրա աշխատեցնեք ինձ։

Դոկտորը կանգ առավ, վերստին ժպտալով ուսիս խփեց ու հիացմունքով գոչեց, ասես թե իր առջև մարդկային սրտի ամենախոր անդունդները թափանցող մի մարդ լիներ տեսնելիս։

― Գուշակեցի՜ք, սիրելիս։ Այո՛, գլխավոր բանը Բառարանն է։

Եվ մի՞թե կարելի էր, որ գլխավորը մի ուրիշ բան լիներ։ Դոկտոր Ստրոնգի բոլոր գրպանները, ինչպես և գլուխը, միայն դրանով էին խճողված։ Բառարանը դուրս էր նայում նրա մարմնի բոլոր ծակոտիներից։ Նա ինձ ասաց, թե դպրոցական պաշտոնը թողնելուց հետո, իր երկը շատ արագ է առաջ տանում․ թե իմ նշանակած առավոտյան ու երեկոյան ժամերը շատ հարմար են իր համար, որովհետև նա սովոր է մնացած ժամերը մտածելուն ու զբոսանքին նվիրել․ թե առժամանակ իր թղթերը մի քիչ անկարգ դրության մեջ են մր․ Ջոն Մելդընի պատճառով, որ վերջերս նրա քարտուղարն էր և այդ պաշտոնին չէր վարժվել, բայց թե մենք այդ բոլորը շուտով կարգի կբերենք, և գործն արագ֊արագ առաջ կգնա։ Հետո, երբ լիովին այդ գործի մեջ խորասուզվեցինք, ես տեսա, որ Ջոն Մելդընի աշխատակցության հետքերը շատ ավելի են հոգնեցնում ինձ, քան սպասելի էր, որովհետև նա ոչ միայն չէր գոհացել դոկտոր Ստրոնգի ձեռագրի մեջ անթիվ վրիպակներ մտցնելով, այլև յուրաքանչյուր երեսի վրա այնքան զինվորներ ու կանացի գլխարկներ էր նկարել, որ ես շատ անգամ մոլորված էի մնում այդ լաբիրինթոսում։

Դոկտորը ուրախ էր, որ իր երևելի գործի վրա միասին պիտի աշխատենք, և որոշեցինք հետևյալ իսկ առավոտյան ժամը յոթին մեր պարապմունքը սկսել։ Առավոտյան պիտի պարապեինք երկու ժամ, իսկ երեկոյան՝ երկու կամ երեք ժամ, բացի շաբաթ իրիկուններից, երբ ես ազատ պիտի լինեի։ Ազատ պիտի լինեի բնականաբար և կիրակի օրերը, ուրեմն պայմանները դժվար չէին։

Փոխադարձ հավանությամբ մեր ծրագիրն այսպես կարգավորելուց հետո՝ դոկտորը ներս տարավ ինձ մրս․ Ստրոնգին ներկայացնելու, որին դոկտորի նոր գրասենյակում գտանք․ նա զբաղված էր գրքերի փոշին մաքրելով ― մի արտոնություն, որ բացառապես միայն նրան էր վերապահված, որովհետև ուրիշ ոչ ոք իրավունք չուներ այդ նվիրական առարկաներին դիպչելու։

Նախաճաշն իմ պատճառով ուաշցվել էր, և մենք միասին սեղան նստեցինք։ Հենց որ նստեցինք, մրս․ Ստրոնգի դեմքին նայելով՝ գուշակեցի, որ նա մեկին սպասում է․ և իրոք, մի քիչ հետո դրսի դռան մոտ մի ջենտլմեն իջավ ձիուց, որպես տանու մարդ՝ սանձից բռնելով հետևի բակը տարավ նրան, մարագում կապեց և մտրակը ձեռքին՝ ճաշասենյակ մտավ։ Դա մր․ Ջոն Մելդընն էր, և ինձ այնպես թվաց, թե մր․ Ջոն Մելդընը բնավ չի փոխվել Հնդկաստանում ապրելուց։ Սակայն ես դեռ շատ խիստ էի դեպի այն բոլոր երիտասարդները, որոնք ծառեր չէին տապալում դժվարության անտառի մեջ, հետևաբար տպավորությունս կարող էր և թյուր լինել։

Մր․ Ջոնն աջը մեկնեց ինձ, բայց կարծես թե ակամա, և մի այնպիսի հովանավոր եղանակով, որ ինձ սաստիկ վրդովեց։ Սակայն այդ բանը ցույց էր տալիս և իր բոլոր շարժումներում, բացի այն վայրկյաններից, երբ իր ազգական Աննիին էր դիմում։

― Արդեն նախաճաշե՞լ եք, մր․ Ջոն, ― ասաց դոկտորը։

― Ես գրեթե երբեք նախաճաշիկ չեմ անում, սըր, ― պատասխանեց երիտասարդը, գլուխը թիկնաթոռին դնելով։ ― Ես ձանձրանում եմ այդ բանից։

― Ի՞նչ նորություն կա արդյոք, ― հարցրեց դոկտորը։

― Ոչ մի նորություն, սըր, ― պատասխանեց մր․ Մելդընը։ ― Գրում են, թե հյուսիսային գավառներում սաստիկ սով է և մարդիկ դժգոհ են․ բայց դրանք սովորական բաներ են։ Որտե՞ղ չկան դժգոհ մարդիկ և կամ սով։

Դոկտորը խիստ հայացքով նայեց նրան և կարծես թե խոսակցության նյութը փոխելու համար, ասաց․

― Նոր լուր չկա՞ ուրեմն։ Էհ, քանի քիչ լինեն, այնքան լավ։

― Լրագիրը մի սպանության երկար պատմություն է անում, սըր, ― նկատեց մր․ Մելդընը։ ― Բայց այդ էլ հո մի արտակարգ դիպված չէ՞։ Ես այդպիսի բաներ չեմ էլ կարդում։

Այդ օրերին մարդկության աղետներին ու գործերին անտարբեր նայելը կրթության նշան չէր համարվում, ինչպես որ հետո եղավ։ Հայտնի է, որ այդ սովորությունը հետզհետե մոդայի պես մեծ հաջողությամբ ընդհանրացավ։ Ես ինքս հետո շատ ու շատ ջենտլմեններ ու շքեղ լեդիներ եմ տեսել, որոնք մարդկային գործերով նույնքան էին հետաքրքրվում, որքան և թրթուրները։ Սակայն մր․ Ջոն Մելդընից առաջ այդպիսի մարդ չէի տեսել, և գուցե պատճառը այդ էր, որ նա մի աննպաստ տպավորություն գործեց իմ վրա․ ո՛չ հավատարմություն ներշնչեց նա ինձ, ո՛չ էլ հարգանք։

― Ես եկել եմ իմանալու, արդյոք Աննին չի՞ կամենա այս երեկո օպերա գնալ, ― ասաց մր․ Մելդընը, դիմելով տիկնոջը։ ― Այս երեկո ներկա թատերաշրջանի վերջին ընտիր օպերան են տալիս․ դրան մասնակցելու է մի երգչուհի, որին իրոք արժի լսել։ Հրաշալի ձայն ունի, և բացի այդ՝ հրեշի նման տգեղ է, ― ասաց մր․ Ջոն Մելդընը։

Դոկտոր Ստրոնգը, որ միշտ պատրաստ էր զվարճանալու առիթներ տալ իր նորատի ամուսնուն, դարձավ նրան ու ասաց․

― Պիտի գնաս, Աննի, պիտի գնաս։

― Կցանկանայի տանը մնալ, ― ասաց տիկինը դոկտորին։ ― Իրավ որ կցանկանայի տանը մնալ։

Եվ առանց նայելու ազգականին՝ նա դարձավ ինձ ու հարցրեց, թե ինչպե՞ս է Ագնեսը, արդյոք չի՞ կամենում իրեն տեսնել, արդյոք հենց այս երեկո իր մոտ չի՞ գա ― և այս բոլորը ասաց մի այնպիսի հուզվված ձայնով, որ զարմացա, թե ինչպե՞ս դոկտորն անգամ, որ այդ միջոցին հացին կարագ քսելով էր զբաղված, այդ ակներև երևույթը չի նկատում։

Սակայն նա ոչինչ չէր տեսնում։ Նա բարեհամբյուր ժպիտով ասաց ամուսնուն, թե նա դեռ երիտասարդ է և անհրաժեշտ է, որ միշտ զբոսնի ու զվարճանա, այլ ոչ թե իր ամուսնու նման ծերուկի հետ ձանձրանա։ Բացի այդ՝ դոկտորը կցանկանար կնոջից լսել այն նոր երգչուհու երգերը․ սակայն ինչպե՞ս կլինի այդ, եթե կինն օպերա չգնա։ Եվ դոկտորը շարունակեց պնդել, որ գնա, իսկ մր․ Ջոն Մելդընը խոսք տվեց նորից ճաշին հանդիպել նրանց։ Այնուհետև նա վեր կացավ և հավանական է որ իր անգործ պաշտոնը հոգալու գնաց․ սակայն ձիով գնաց, և բնավ առանց շտապելու։

Հետևյալ օրն ուզեցի իմանալ, թե արդյոք տիկինն օպերայում եղե՞լ է։ Չէր եղել․ այլ նամակ էր գրել ազգականին, որ չգա, և գնացել էր Ագնեսի մոտ, դոկտորին էլ իր հետ տանելով։ Դոկտորն ասաց, թե երեկոն շատ գեղեցիկ էր և թե նրանք դաշտում զբոսնելով են տուն վերադարձել։ Այդ իմանալով ես հարցրի ինձ ― արդյոք մրս․ Ստրոնգը օպերա չէ՞ր գնա, եթե Ագնեսը քաղաքում չլիներ։ Մի՞թե Ագնեսը նրա վրա էլ այդքան բարի ազդեցություն ունի։

Մրս․ Ստրոնգը շատ երջանիկ չպիտի լինի, մտածում էի ես․ բայց դեմքին նայելով կասեիր, թե կամ շատ գոհ է կամ սաստիկ կեղծավոր։ Ես լավ գիտեի նրա դեմքը, որովհետև դոկտորի ու իմ աշխատակցության միջոցին նա պատուհանի մոտ էր նստած և անձամբ նախաճաշը պատրաստեց, որ մենք զբաղված լինելով վայրիվերո ճաշակեցինք։ Երբ ես ժամը իննին հեռանալու վրա էի, կինը չոքեց մարդու առջև՝ նրա մուճակներն ու հյուսված գուլպաները հագցնելու համար։ Բաց պատուհանի մոտ գտնվող ծառի տերևներից մի մեղմիկ ստվեր էր ընկել նրա դեմքի վրա, և ես Դոկտորների Համայնքը գնալիս անդադար հիշում էի այն երեկոն, երբ նա կարդալով զբաղված դոկտորին էր նայում։

Այժմ բավական գործ ունեի․ առավոտյան ժամը հինգին էի վերկենում և երեկոյան ժամը իննին կամ տասին տուն գալիս։ Ես շատ գոհ էի այսպես զբաղված լինելուցս և երբեք դանդաղ չէի ման գալիս, այլ՝ արագ, կարծելով թե որքան ավելի ինձ հոգնեցնեմ, այնքան ավելի կարժանանամ Դորային։ Հանգամանքների փոփոխության մասին նա դեռ ոչինչ չգիտեր․ մի քանի օրից նա գալու էր միս Միլսի մոտ, և ես ասելիքս մինչև այդ օրն էի հետաձգել, միայն այսքանը հայտնելով նամակներիս մեջ, որոնք ծածուկ հասնում էին նրան միս Միլսի միջնորդությամբ, ― թե շատ բան ունեմ ասելու իրեն։ Այդ ժամանակ ես արջի ճարպի գործածությունը չափավորել էի, իսկ անուշահոտ սապոնից ու լավանդի ջրից միանգամայն հրաժարվել և բաճկոններիցս երեքը անասելի էժան գնով վաճառել, ― խստակյաց կյանքիս համար անչափ շքեղ բաներ էին դրանք։

Այդ էլ քիչ էր։ Է՛լ ավելի բան անելու եռանդով վառված, ես Տրեդլսի մոտ գնացի, որ այժմ Կեստլ Ստրիտում (Հոլբորն) գտնվող մի տան հետևի մասում էր բնակվում։ Հետո տարա և մր․ Դիկին, որ արդեն երկու անգամ ինձ հետ միասին Հայգեթ էր գնացել և իր ծանոթությունը դոկտորի հետ նորոգել։

Մր․ Դիկին հետս տարա, որովհետև նա տատիս հասած աղետին սրտանց ցավակցելով և անկեղծ հավատալով, թե ոչ մի կալանավոր, թիապարտ կամ ստրուկ այնքան շատ չի աշխատում, որքան ես ― մինչդեռ ինքն անկարող էր որևէ գործով մեզ օգնել ― սկսել էր մաշվել ու մաշվելուց թե՛ ախորժակը և թե՛ քունը կորցրել։ Այս դրության մեջ նա իրեն ավելի անձեռնահաս էր զգում իր հիշատակարնն ավարտելու, քան երբևիցե, և որքան շատ էր ճիգ թափում, այնքան էլ շատ էր Կառլոս Առաջինի թշվառ գլուխը ներս սպրդում։ Ես երկյուղ էի կրում, թե նրա հոգեկան հիվանդությունը կսաստկանա, եթե նրան մի անմեղ հնարով չխաբենք ու կարծել չտանք, թե նա օգտակար է, և կամ նրան իրոք օգտակար չդարձնենք (որ հարկավ ավելի լավ կլիներ), ուստի և որոշեցի խորհուրդ հարցնել Տրեդլսից։ Դեռ նրա մոտ չգնացած, ես նրան ամեն բան, ինչ որ պատահել է գրել էի, և նա պատասխանել էր մի կարեկցական ու սիրալիր նամակով։

Մենք գտանք նրան թղթերի մեջ ընկղմված։ Սիրուն թաղարն ու մարմարե կլոր սեղանը, որոնց տեսքով նա իր ոգին զորացնում էր, դրված էին փոքրիկ սենյակի անկյունում։ Նա մեզ սիրով ընդունեց և մի վայրկյանում մր․ Դիկի հետ մտերմացավ։ Մր․ Դիկն էլ ամենայն վստահությամբ փութաց հայտնել, թե արդեն մի անգամ տեսել է նրան, և մենք երկուսս ասացինք․ «Շատ կարելի է»։

Տրեդլսի հետ քննելու առաջին խնդիրս այս էր։ Լսել էի, որ զանազան ասպարեզների վրա հռչակված շատ ու շատ մարդիկ իրենց ընթացքը նրանով են սկսել, որ պառլամենտի պայքարների լրատու են եղել։

Տրեդլիսց գիտեի, թե իր հույսերից մեկն էլ մի լրագրի աշխատակից լինելն էր։ Այս երկու փաստը միացնելով, հարցրել էի նրան նամակիս մեջ, թե ի՞նչ պետք է անել, որ կարենամ այդ պաշտոնի համար պատրաստվել։ Այժմ նա ինձ հաղորդեց, թե իր հավաքած տեղեկություններին նայելով՝ ավելի հեշտ է, բացի հազվագյուտ դեպքերից, վեց լեզու սովորել, քան թե սղագրության արվեստի լոկ մեքենայական վարժությունը, այսինքն՝ արագ սղագրելու և լավ կարդալու հմտություն ձեռք բերելը, և թե դրա համար առնվազն մի քանի տարվա հարատև ու տոկուն աշխատանք է հարկավոր։ Տրեդլսն իրավամբ կարծում էր, թե այդ մասին խոսելն անգամ ավելորդ է․ սակայն նրա հիշած դժվարությունների մեջ ես ուրիշ բան չտեսա, բացի մի հաստատուն ծառից, որ պետք էր տապալել, և անմիջապես վճռեցի կացինս առած այդ թանձրախիտ անտառի միջով ճանապարհ բացել դեպի Դորան։

― Շատ շնորհակալ եմ քեզնից, սիրելի Տրեդլս, ― ասացի ես։ ― Հենց վաղվանից կսկսեմ։

Տրեդլսը շվարած երեսիս նայեց․ նա դեռ չգիտի, թե ինչ հափշտակություն է տիրել սրտիս։

― Սղագրության արվեստի մի լավ դասագիրք կգտնեմ, ― ասացի ես։ ― Դա կսկեմ ուսումնասիրել Դոկտորների Համայնքում, ուր ժամանակիս գրեթե կեսը զուր է կորչում։ Վարժության համար կսկսեմ ատյանում ասվող ճառերն արձանագրել և անշուշտ մի օր նպատակիս կհասնեմ, իմ սիրելի՜ բարեկամ։

― Ա՜յ քեզ բան, ― գոչեց Տրեդլսը, աչքերը լայն բանալով։ ― Չէի կարծում, որ դու այդքա՜ն վճռական ես, Կոպպերֆիլդ։

Եվ ինչպես կարող էր կարծել, քանի որ եռանդս ինձ համար էլ մի նոր բան էր։ Բարեկամիս նկատողությունը թողնելով, մր․ Դիկին առաջ քաշեցի։

― Գիտե՞ք ինչ․․․ մր․ Տրեդլս, ― ասաց մր․ Դիկը ջերմությամբ։ ― Ես կուզենայի փորձել ինձ․․․ արդյոք չե՞մ կարող թմբուկ խփել․․․ կամ որևէ գործիք փչել։

Խե՜ղճ մարդ։ Ես տարակույս չունեի, որ նա մյուս բաներից ավելի, պատրաստ է հատկապես այդ զբաղմունքն ընտրել։ Տրեդլսը, սակայն, առանց ժպտալու պատասխանեց․

― Բայց եթե չեմ սխալվում, դուք մի պատվական ձեռագիր ունեք, սըր։ Այդպես չէ՞, Կոպպերֆիլդ։

― Հիանալի ձեռագիր, ― ասացի ես։

Եվ իրոք մր․ Դիկի ձեռագիրը շատ սիրուն էր։

― Ուրեմն չէ՞իք կամենա թղթեր արտագրել, եթե ձեզ համար արտագրելու բաներ ճարեմ, ― հարցրեց Տրեդլսը։

Մր․ Դիկը կասկածանքով երեսիս նայեց ու ասաց․

― Հը՞, Տրոտուդ։

Ես գլխով արի։ Մր․ Դիկն էլ գլխով արեց ու խոր շունչ քաշեց։

― Խոսիր հետը հիշատակարանի մասին, ― ասաց մր․ Դիկը։

Բացատրեցի Տրեդլսին, թե ամենամեծ դժվարությունը մր․ Դիկի ձեռագրերից Կառլոս Առաջինին հեռու պահելն է, և մինչ ես բացատրում էի, մր․ Դիկը իր բթամատի ծայրը ծծելով, խորհրդավոր ակնածությամբ նայում էր Տրեդլսին։

― Սակայն իմ հիշած թղթերն արդեն սրբագրված ու պատրաստ են, ― ասաց Տրեդլսը մի քիչ մտածելուց հետո, ― այնպես որ մր․ Դիկը շատ անելիք չի ունենա։ Չէ՞ որ այդ մի բավական զգալի տարբերություն է, Կոպպերֆիլդ։ Համենայն դեպս ավելորդ չէր լինի մի փորձ անել։

Այդ կարծիքը հուսադրեց մեզ։ Տրեդլսն ու ես առանձնացանք՝ խորհրդակցելու համար, իսկ մր․ Դիկն անձկությամբ դիտում էր մեզ իր աթոռից։ Մենք որոշեցինք հենց հետևյալ օրը գործի նստեցնել մր․ Դիկին, և այս որոշումն ամենայն հաջողությամբ գլուխ բերինք։

Բուկինհեմ փողոցի տան պատուհանի առջև, մի սեղանի վրա Տրեդլսի բերած ձեռագրերը դրեցինք․ ― դա մի իրավաբանական փաստաթուղթ էր, որից չգիտեմ քանի՞ պատճեն պիտի հանվեր ― իսկ մյուս սեղանի վրա մեծ Հիշատակարանի դեռ անավարտ բնագիրը փռեցինք։ Մեր հրահանգների զորությամբ մր․ Դիկը պարտավոր էր իր առջև դրված փաստաթուղթը բառ առ բառ արտագրել, անգամ մազի չափ չշեղվելով բնագրից․ և հենց որ Կառլոս Առաջինի մեջ բերելու կարիք զգար, պարտավոր էր իսկույն ևեթ դեպի հիշատակարանի սեղանը ցատկել։ Հորդորեցինք նրան արիաբար ու հաստատ կերպով այդ կանոնին հետևել, և տատիս հանձնարարեցինք, որ նրա վրա հսկի։ Տատս հետո մեզ պատմեց, թե սկզբում մր․ Դիկն երկու թմբուկ խփող մարդու նման իր ուշադրությունը շարունակ մերթ մեկ ու մերթ մյուս սեղանին էր դարձնում․ բայց տեսնելով վերջ ի վերջո, որ այդ բանը իրեն շփոթում ու հոգնեցնում է, վճռել էր մի իսկական գրագրի պես միայն փաստաթղթին նվիրվել, իսկ հիշատակարանը մի ուրիշ հարմար ժամանակի թողնել։ Մի խոսքով, թեպետ մեծապես հոգ էինք տանում, որ մր․ Դիկը պետք եղածից ավելի չաշխատի, և թեպետ նա իր գործը շաբաթվա սկզբից չէր սկսել, բայց և այնպես մինչև առաջին շաբաթ օրը վեց շիլինգ և ինը պենս վաստակեց։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպիսի բերկրությամբ նա խանութից խանութ վազեց իր այդ գանձը վեց պենսանոց դրամների մանրելու և ինչպե՜ս այդ բոլորը մի ափսեի վրա սրտի ձևով շարելուց հետո, բերկրության ու հպարտության արտասուքը աչքերին, տարավ տատիս ընծայեց։ Այս ձևով մի օգտավետ գործունեություն սկսելուց ի վեր նա կարծես թե մի բարերար թովչության ներքո էր․ և եթե այդ շաբաթ իրիկունն աշխարհիս երեսին մի երջանիկ մարդ կար, հարկավ դա այդ համեստ ու շնորհալի արարածն էր, որի աչքում երկրիս վրա ամենից սքանչելի կինն իմ տատն էր, իսկ ամենից սքանչելի երիտասարդը՝ խոնարհս։

― Էլ սովամահ լինելու վտանգ չկա, Տրոտուդ, ― ասաց մր․ Դիկը, մի անկյունում աջս սեղմելով։ ― Տատիդ պետքերը ես կհոգամ, սըր։

Եվ նա իր տասը մատները օդի մեջ շարժեց, կարծես նրանք մի֊մի բանկ լինեին։

Չգիտեմ ո՞վ էր ավելի գոհ Տրե՞դլսը, թե ես։

― Վա՜հ, ― գոչեց Տրեդլսը, մի նամակ հանկարծ հանելով գրպանից։ ― Քիչ մնաց մր․ Միկաբրին մոռանայի։

Նամակը գրված էր իմ հասցեով (մր․ Միկաբրը ոչ մի ժամանակ նամակ գրելու առիթը չէր փախցնում)՝ «բարեսեր միջնորդությամբ Թ․ Տրեդլսի, Esquire», և բովանդակությունն էր հետևյալը․

«Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ։

Թերևս շատ չզարմանաք, եթե լսեք, որ վերջապես բախտս ժպտաց։ Արդեն մի ուրիշ առիթով ձեզ հայտնել եմ, թե այդ բանը սպասում էի։

Ահա գնում եմ հաստատվելու մեր երջանիկ կղզու գավառական քաղաքներից մեկի մեջ, որի հասարակությունը կարելի է երկրագործական ու եկեղեցական տարրերի մի հաջողակ խառնուրդ համարել։ Այնտեղ ես շատ գիտնական անձանց հետ ամենասերտ հարաբերություն կունենամ։ Ինձ կուղեկցեն մրս․ Միկաբրն ու մեր սերունդը։ Հավանական է, որ մեր աճյուններն այն հանգստարանում ամփոփվեն, որի մեծանուն եկեղեցու շնորհիվ քաղաքի հռչակը, կարելի է ասել, Չինաստանից մինչև Պերու է տարածվել։

Արդի Բաբելոնին մնաս բարով ասելիս, ուր շատ ու շատ աղետներ կրեցինք, և կարծեմ արիաբար կրեցինք, մրս․ Միկաբրն ու ես չենք կարող նկատի չառնել, թե գուցե տարիներով և կամ ընդմիշտ բաժանվում ենք մի մարդուց, որ վաղուց ի վեր շատ սերտ է կապված եղել մեր ընտանեկան հարկի հետ։ Եթե մեր մեկնելուց առաջ հաճեք մեր ընդհանուր բարեկամ մր․ Թոմաս Տրեդլսի հետ մեր ընդհանուր բնակարանը հարգել և մեզ հետ դիպվածին պատշաճ բարեմաղթություններ փոխանակել, դրանով մեծապես շնորհ կանեք

մի մարդու,

որը է՝ և միշտ կմնա

ձեզ անձնվեր

Ուիլկինս Միկաբր»։

Ի սրտե ուրախացա, որ մր․ Միկաբրը վերջապես աղետների բեռից ազատվել է և իրոք բախտի ժպիտին արժանացել։ Տրեդլսից իմանալով, որ հրավերը ճիշտ այն օրվա երեկոյան համար է, որոշեցի անպատճառ ներկա լինել մնաս բարովի հանդեսին, և մենք գնացինք մինչև իսկ Գրեուինն֊Րոդի հեռավոր ծայրը, ուր ապրում էր մր․ Միկաբրը մր․ Մորտիմերի անունով։

Բնակարանն այն աստիճան անշուք ու փոքր էր, որ երկվորյակները, այժմ մոտավորապես ութ կամ ինը տարեկան, մի ծալովի բազմոցի վրա էին քնում՝ նույն այն հյուրասենյակում, ուր մր․ Միկաբրը պատվում էր մեզ իր հռչակավոր ընպելիքով, որը պատրաստել էր մի կուժի մեջ։ Այս այցելությունն ինձ առիթ տվեց ծանոթությունս մաստր Միկաբրի հետ նորոգելու և այժմ դա տասներեք տարեկան մի ժիր պատանի էր՝ սաստիկ շարժուն, որ անսովոր երևույթ չէ նրա հասակի երեխաների համար։ Նրա քրոջն էլ տեսա՝ միս Միկաբրին, որի մեջ մր․ Միկաբրի ասելով «մայրը մի փյունիքի պես իր երիտասարդությունը նորոգում էր»։

― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― դուք ու Տրեդլսը իսկ և իսկ մեր գաղթելու պահին եք մեզ մոտ գալիս, ուստի հարկավ ներողամիտ կլինեք, եթե այս պատճառով պարտ ու պատշաճ հարմարավետություն չգտնեք մեր բնակարանում։

Մի հարմար պատասխան որոնելով, չորս կողմս նայեցի ու տեսա, որ գերդաստանի իրեղեններն արդեն կապված են և ամենևին ծանրակիր կամ բազմաթիվ չեն։ Ես շնորհավորեցի մրս․ Միկաբրին առաջիկա փոփոխության առթիվ։

― Սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― լավ գիտեմ, թե որքա՜ն մեր վիճակը ձեր սրտին մոտ է։ Գերդաստանիս անդամները կարող են, եթե կամենան, մեր գաղթն աքսոր համարել, սակայն ես կին եմ ու զավակների մայր և ոչ մի ժամանակ մր․ Միկաբրից չեմ բաժանվի։

Տրեդլսը ջերմությամբ հավանություն տվեց այդ որոշմանը, որովհետև տիկինը նրան էլ մի ակնարկ ուղղեց։

― Այդ է գոնե իմ հայացքը այն նվիրական պարտքի մասին, մր․ Կոպպերֆիլդ և մր․ Տրեդլս, որ ազատ կամքովս հանձն առա սուրբ սեղանի առջև ասելով «Ես՝ Էմմիս, հոժար եմ, Ուիլկինս, քո կինը լինելու»։ Ես ինքս անձամբ հարսանիքից մի գիշեր առաջ պսակի խորհուրդը կարդացի, և ընթերցումից հանած վերջնական եզրակացությունս այն եղավ, թե երբեք չպիտի ամուսնուս թողնեմ։ Այդ սուրբ կարգի իմաստը գուցե ես սխալ մեկնած լինեմ, այնուամենայնիվ, չե՜մ թողնի մր․ Միկաբրին, ո՛չ երբեք։

― Ա՜խ, հոգիս, ― ասաց մր․ Միկբրը, մի քիչ համբերությունից դուրս գալով, ― ո՞վ է քեզ երբևիցե ասել, թե կթողնես։

― Գիտեմ, սիրելի Կոպպերֆիլդ, ― շարունակեց մրս․ Միկաբրը, ― այժմ ես պիտի գնամ պանդուխտ դառնամ օտար, անծանոթ մարդկանց մեջ, այն էլ գիտեմ, որ երբ մր․ Միկաբրն ամենաազդու ձևով այդ լուրը հաղորդեց գերդաստանիս անդամներին, նրանք մի պատասխան անգամ չտվին։ Եթե կամենաք, սնապաշտ կին համարեցեք ինձ․ սակայն մի ներքին ձայն ինձ վկայում է, թե մր․ Միկաբրին վիճակված է իր անթիվ նամակների դեմ ոչ մի պատասխան չստանալ։ Գերդաստանիս համառ լռությունը հիմք է տալիս կարծելու, թե նրանք իմ որոշմանը հակառակ են․ բայց հավատացած եղեք, մր․ Կոպպերֆիլդ, որ ոչ մի մարդու թույլ չեմ տա ինձ սրբազան պարտքի շավիղից շեղել, հայրիկիս ու մայրիկիս անգամ թույլ չէի տա, եթե տակավին ապրեին։

Ասացի, թե այդ ընթացքը միանգամայն համապատասխան է արդարության պահանջին։

― Կարող են ասել, ― շարունակեց մրս․ Միկաբրը, ― թե իմ կողմից զոհաբրոություն է գնալ֊փակվել մի աթոռանիստ քաղաքի մեջ․ սակայն, մր․ Կոպպերֆիլդ, եթե այդ բանը զոհաբերություն է՝ մր․ Միկաբրի պես բազմահանճար մարդու կողմից։

― Ի՜նչ եք ասում, ― գոչեցի ես։ ― Ուրեմն մի աթոռանիստ քաղաք եք գնում։

Մր․ Միկաբրը, որ արդեն սկսել էր իր կուժիվ մեզ մատրվակել, պատասխանեց․

― Եվ հատկապես Կենտրբրի։ Բանն այն է, սիրելի Կոպպերֆիլդ, որ ես մեր բարեկամ Ուրիաս Հիպի հետ դաշն եմ կապել և մեր դաշինքի զորությամբ օգնելու եմ նրան որպես․․․ որպես մտերիմ գրագրի։

Ես զարմանքով նայեցի մր․ Միկաբրին, որը իմ զարմանալուց շատ զվարճացավ։

― Բանի էությունը բացատրելու համար պետք է ասեմ, ― շարունակեց նա պաշտոնական եղանակով, ― թե գլխավորապես մրս․ Միկաբրի գործնական հակումների, նրա իմաստուն խորհուրդների ազդեցությամբ է, որ վճռեցի այս քայլն անել։ Արդյոք կհիշե՞ք, որ մեր վերջին տեսակցության ժամանակ էր, որ մրս․ Միկաբրը կարծիք հայտնեց, թե անհրաժեշտ է հասարակությանը կռվի կանչել, ձեռնոց նետելով նրա երեսին։ Ձեռնոցը նետվեց մի լրագրական հայտարարությամբ։ Ուրիաս Հիպը այն վերցրեց, և մենք մի փոխադարձ համաձայնություն կայացրինք։ Ուզում եմ լիակատար հարգանքով խոսել իմ բարեկամ Հիպի մասին, որ վերջին աստիճանի ճարպիկ մարդ է։ Իմ բարեկամ Հիպը շատ մեծ ռոճիկ չի տա ինձ․ բայց խոստացել է պարտքերիս բեռը մի քիչ թեթևացնել, իմ ապագա ծառայության վրա իրավացի հույսեր դնելով, և ես պատվովս երդվել եմ, որ նրան մեծ օգուտներ կհասցնեմ։ Ամբողջ ճարտարությունս ու ձիրքերս, եթե կարելի է այսպես ասել, ավելացրեց մր․ Միկաբրը կեղծ համեստությամբ և իր նախկին ազնվական եղանակով, ― այսուհետև բացառապես իմ բարեկամ Ուրիաս Հիպին նվիրված կլինեմ։ Արդեն շատ ու շատ քաղաքային դատեր վարած լինելով, իբրև անձիս փաստաբան, ես մեր օրենքներին բավական հմուտ եմ, և այժմ մտադիր եմ ամենայն ջանքով մի իրավական երևելի երկ ուսումնասիրել, որի հեղինակն Անգլիայի պարծանքն է։ Կարծեմ այստեղ ավելորդ է հիշել, որ խոսքս դատավոր մր․ Բլեկոտընի մասին է։

Այս դիտողությունը հաճախ ընդհատվում էր մրս․ Միկաբրի կշտամբանքներով՝ պատանի Միկաբրի նկատմամբ, որ կամ կրունկների վրա էր նստում, կամ թե երկու ձեռքով գլուխը բռնում, որը կարծես թե ընկնելու էր ուսերից, կամ Տրեդլսին սեղանի տակից ոտքերով հրում, կամ մի ոտքը մյուսի վրա դնում, կամ թե երկուսն էլ մեկը մյուսից այնպիսի ձևով հեռացնում, որ բնության կանոնին հակառակ էր, կամ թե գլխի մազերը բաժակների վրա կախ գցում և կամ իր մշտաշարժ անդամներով մի այնպիսի աղմուկ հանում, որ բոլորովին անկարելի էր ընկերության շահերի հետ հաշտեցնել։ Մինչդեռ ես լուռ նստած մտածում էի, թե ի՞նչ է արդյոք մր․ Միկաբրի խոստովանության իմաստը, մրս․ Միկաբրը նույն ճառի նյութին անցնելով, ուշադրությունս գրավեց։

― Իմ հատուկ պահանջը մր․ Միկաբրից, ― ասաց մրս․ Միկաբրը, ― այժմ սա է, որ նա իր անձը իրավաբանության այդ ստորին ճյուղին նվիրելով, վերջ ի վերջո չհրաժարվի մինչև ծառի նույնիսկ գագաթը բարձրանալու ձգտումից։ Ես հավատացած եմ, որ մր․ Միկաբրը, այդ պաշտոնն ընդունելով, որ իր հարուստ ձիրքերին ու մանավանդ հորդահոս լեզվին այն աստիճան հարմար է, անշուշտ մի օր երևելի մարդ կդառնա։ Ի՞նչ եք կարծում մր․ Տրեդլս, օրինակի համար, դատավոր և կամ քարտուղար դառնալու մասին։ Մի՞թե որևէ մարդու այդ բարձր կոչումներին հասցնող դուռը իր առջև փակած կլինի, եթե մր․ Միկաբրի այժմ ընդունած պաշտոնի պես մի բան ստանձնի։

― Հոգիս, ― նկատեց մր․ Միկաբրը, Տրեդլսի վրա հարցական հայացք նետելով, ― այդ խնդիրները քննելու համար մեր առջև դեռ շատ ժամանակ կա։

― Ոչ, Միկաբր, ― պատասխանեց մրս․ Միկաբրը։ ― Քո գլխավոր թերությունն այն է, որ սովոր չես հեռու նայել։ Քեզ անհրաժեշտ է ― եթե կամենում ես արդար լինել դեպի ընտանիքդ, չասենք արդեն դեպի անձնական արժանիքդ, ― մի ակնարկով ըմբռնել հորիզոնի ծայրագույն կետը, որին հանճարդ կարող է քեզ հասցնել։

Մր․ Միկաբրը հազաց ու մեծ հաճույքով իր պունշը խմեց, նորից նայելով Տրեդլսին, ասես թե նրա կարծիքը լսելու համար։

― Գիտե՞ք ինչ կասեմ, ― ասաց Տրեդլսը, ճշմարտությունը համեստաբար պարզելով, ― ես կցանկանայի խնդիրն անսեթևեթ ու պարզ կերպով ներկայացնել․․․

― Իմ ուզածն էլ հենց այդ է, սիրելի մր․ Տրեդլս, ― ընդհատեց մրս․ Միկաբրը։ ― Այսպիսի կարևոր խնդիր քննելիս, ես ինքս կցանկանայի որքան կարելի է անպաճույճ պատկերացնել նրան։

― Ասելիքս այս է, ― շարունակեց Տրեդլսը, ― որ մր․ Միկաբրի ընտրած ճյուղը, եթե նա հմուտ էլ լիներ այդ ճյուղում․․․

― Ճիշտ այդպես է, ― հաստատեց մրս․ Միկաբրը, ― Ուիլկինս, խեթ֊խեթ մի նայի։

― ․․․ Անգամ եթե հմուտ էլ լիներ այդ ճյուղում, ձեր հիշած կոչումների հետ ամենևին կապ չունի։ Միայն պետական փաստաբանը կարող է դատավոր կամ քարտուղար ընտրվել․ իսկ պետական փաստաբան դառնալու համար մր․ Միկաբրին անհրաժեշտ է գոնե հինգ տարի իրավաբանական ճեմարանում սովորել։

― Եթե չեմ սխալվում, ― նկատեց մրս․ Միկաբրը քնքուշ ժպիտով, ― ուզում եք ասել, թե այդ հինգ տարին լրանալուց հետո, մր․ Միկաբրը կարո՞ղ է դատավորի կամ քարտուղարի պաշտոն ստանալ։

― Կարող է թեկնածու լինել, ― պատասխանեց Տրեդլսը, շեշտելով թեկնածու բառը։

― Շնորհակալ եմ, ― ասաց մրս․ Միկաբրը։ ― Հենց այդ էի ուզում իմանալ։ Եթե հանգամանքն այդպես է, և եթե մր․ Միկաբրն այս պաշտոնն ստանձնելով ոչ մի բան չի կորցնում, արդեն ես գոհ եմ ու հանգիստ։ Ես խոսում եմ անտարակույս իբր մի կին, սակայն միշտ համոզված եմ, որ մր․ Միկաբրն օժտված է այն բանով, որ լուսահոգի հայրիկս ատենական ոգի էր անվանում, և վստահ եմ, որ այժմ մր․ Միկաբրը մի այնպիսի ասպարեզի վրա է ոտք դնում, որ այդ ոտքն ավելի կզորանա ու ամենաբարձր ավագության կհասնի։

Ես հավատացած եմ, որ մր․ Միկաբրը ինքն իրեն արդեն պատկերացնում էր բրդի պարկի[47] վրա բազմած։ Նա իր ճաղատ գլուխը պարծանքով շփեց ու մի շինծու խոնարհությամբ ասաց․

― Սպասենք, հոգյակ ճակատագրի որոշումներին։ Եթե ինձ վիճակված է դատավորի կեղծամ հագնել, ես պատեաստ եմ, գոնե արտաքուստ (ակնարկ էր ճաղատության վրա), այդ պատիվն ընդունել։ Չեմ ափսոսում մազերս․ ո՞վ գիտի, գուցե մի որոշ նպատակով եմ կորցրել դրանք։ Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ես մտադիր եմ եկեղեցու համար կրթել որդուս․ չեմ ուրանում, որ հատկապես նրա շահի համար կփափագեի մի բարձր դիրք ձեռք բերել։

― Եկեղեցո՞ւ համար, ― հարցրի ես, ― միևնույն ժամանակ Որիաս Հիպի մասին մտածելով։

― Այո՛, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Նա շատ զիլ ձայն ունի և մի օր կսկսի խմբում երգել։ Մի անգամ Կենտրբրիում հաստատվելուց հետո հարկավ կփութանք մեր բարեկամների միջնորդությամբ հեշտացնել նրա մուտքը մայր եկեղեցու երգեցիկների դասի մեջ։

Այդ իսկ րոպեին պատանի Միկաբրը «Սրակտուց փայտփորիկ» երգը հնչեցրեց և գնաց քնելու։ Նրա ձայնը միաբերան գովելուց հետո, առօրյա բաների մասին խոսեցինք և որովհետև ես շատ զբաղված էի իմ սեփական դրության փոփոխությամբ, հարկ համարեցի մր․ Միկաբրին և նրա ամուսնուն վիճակիս հետ ծանոթացնել։ Անկարելի է պատմել, թե նրանք որքան ուրախացան ու զվարթացան, տատիս հասած դրամական տագնապի լուրը լսելով։

Արդեն կուժը դատարկվելու վրա էր, երբ ես Տրեդլսին հիշեցրի, թե բարեկամներին վերջին հրաժեշտ տալիս մեզ կվայելեր առողջություն, հաջողություն և ամեն բարիք մաղթել նրանց իրենց նորընտիր ասպարեզի վրա։ Խնդրեցի մր․ Միկաբրին մեր բաժակները լցնել և մեկնողներին արևշատություն ցանկանալով, նրա աջն ամուր թոթվեցի և այս նշանավոր անցքի հիշատակը հավերժացնելու համար՝ մրս․ Միկաբրին համբուրեցի։ Տրեդլսը օրինակիս միայն առաջին մասին հետևեց, իսկ երկրորդին հետևելուց ձեռնպահ մնաց, որովհետև իր բարեկամությունը տիկնոջ հետ իմի չափ հին չէր։

Մր․ Միկաբրը ոտքի կանգնեց և մի բթամատն իր բաճկոնի մի գրպանը, իսկ մյուսը մյուս գրպանը դնելով, հետևայլն ասաց․

― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, երիտասարդ հասակիս ընկեր, եթե կարելի է այդպես ասել, և հարգելի բարեկամդ իմ Տրեդլս, եթե կներեք, որ ձեզ այդպես անվանեմ, թույլ տվեք ինձ այդ մաղթանքների փոխարեն մի սրտագին, մի ինքնաբեր շնորհակալություն հայտնել մրս․ Միկաբրի, մեր սերնդի և իմ կողմից։ Թերևս պատշաճ կհամարեք, որ այս գաղթման նախաժամին, որով մեր առաջ մի նոր կյանք է սկսվում (մր․ Միկաբրն այնպես էր խոսում, որ հենց իմանաս հինգ հազար մղոն ճանապարհ է կտրելու), մի հրաժեշտի ճառ ասել առջևս նստած երկու ընտիր բարեկամներիս։ Սակայն ասելիքս արդեն ասել եմ։ Կմնա միայն ավելացնել, որ ինչ դիրք էլ ես ձեռք բերեմ այն գիտական կոչման մեջ, որին խոնարհաբար նվիրվելու եմ, պիտի ջանամ պարզերես մնալ և մրս․ Միկաբրին արժանի հանդիսանալ։ Ձեզ անհայտ չէ, որ դրամական տագնապի ճնշման ներքո ես մի քանի պարտք էի արել իսկույն վճարելու պայմանով։ Զանազան պատճառների կուտակմամբ այդ պարտքերը վճարելու ճար չգտա և ստիպվեցի մի այնպիսի հագուստ հագնել, որ սովորությանս հակառակ է․․․ ակնարկում եմ ակնոցիս վրա․․․ և յուրացնել մի մականուն, որ ոչ մի օրինական իրավունք չունեմ կրելու։ Սակայն, մթապատ հորիզոնից ամպերն արդեն անհետացան և ահա լեռների գագաթին նորից շողում է ակն արփենին։ Եկող երկուշաբթի, երեկոյան ժամը չորսին, հենց որ կառքը Կենտրբըրի ժամանի, ես վերստին բնագավառիս հողի վրա ոտք կդնեմ և անունս դարձյալ Միկա՜բր կլինի։

― Այլևս մի բան միայն ունեմ հրաժեշտի վերջին րոպեին հոգալու, և այդ բանը արդարության խնդիր է։ Իմ ազնիվ բարեկամ մր․ Թոմաս Տրեդլսը, երկու տարբեր դիպվածներում, իբրև երաշխավորող, «ձեռք է դրել», եթե անտեղի չէ այս գռեհիկ ոճը բանեցնել, իմ պարտամուրհակների տակ։ Առաջին դեպքում մր․ Թոմաս Տրեդլսը․․․ թույլ տվեք պարզ ասեմ․․․ ծուղակն ընկավ։ Իսկ երկրորդ մուրհակի պայմանաժամը դեռ չի հասել։ Առաջին պարտքիս գումարը (մր․ Միկաբրը թղթեր հանեց գրպանից), կարծեմ քսաներեք, չորս, իննուկես է․ երկրորդինը՝ տասնութ, վեց երկու։ Այս բոլորը միացնելով գումարը կլինի, եթե հաշիվս սխալ չէ, քառասունմեկ, տասը, տասնմեկուկես։ Իմ բարեկամ Կոպպերֆիլդը մեծ շնորհ կանի, եթե բարեհաճի վերստուգել այս գումարը։

Ես ստուգեցի ու ճիշտ գտա։

― Եթե կամենայի մայրաքաղաքից և մր․ Թոմաս Տրեդլսից հեռանալ, ― շարունակեց մր․ Միկաբրը, ― առանց պարտքերս մարելու, սրտիս վրա մի անտանելի բեռ կմնար։ Վասն որս իմ բարեկամ մր․ Թոմաս Տրեդլսի համար պատրաստել եմ ահա մի փաստաթուղթ, որ լիովին համապատասխան է փափագիս։ Խնդրում եմ մր․ Թոմաս Տրեդլսին իմ հատուկ ստորագրությամբ վավերացված այս քառասունմեկ ստեռլինգ, տասը շիլինգ և տասնմեկուկես պեննի պարտատոմսն ընդունել։ Երջանիկ եմ, որ այս ձևով բարոյական արժանիքս վերականգնում եմ և նորից կարող եմ ընկերներիս առջև պարզերես ման գալ։

Այս առաջաբանն ավարտելուց հետո, որ մեծ եռանդով ասվեց, մր․ Միկաբրը տոմսակը Տրեդլսին տվեց և ամենայն բարիք մաղթեց նրան։ Ես հավատացած եմ, որ մուրհակ տալը, որ ոչ միայն մր․ Միկաբրի համար փողը վճարելուն էր հավասար, այլև Տրեդլսն անգամ տարբերությունն իսկույն ևեթ չըմբռնեց, և հետո միայն դառն փորձով հասկացավ, որ մի թղթի կտոր տալը մեկ բան է, պարտք վճարեն ուրիշ բան։

Առաքինության այս սխրալի գործով զորբացած՝ մր․ Միկաբրն այնպես «պարզերես» սկսեց ման գալ մոմը ձեռքին մեզ ճանապարհ գցելիս, որ նրա կուրծքն ավելի փքվեց։ Շատ սրտագին հրաժեշտ տվինք իրար, և ես Տրեդլսին մինչև իր դուռը հասցնելուց հետո՝ մենակ տուն գնացի, մի քանի տարօրինակ ու հակասական բաների մասին մտածելով, ի միջի այլոց և այն բանի մասին, թե գուցե իմ անտեր մանկության գորովալի հիշատակի պատճառով էր, որ մր․ Միկաբրը հեղեղուկ բնավորության հակառակ, ոչ մի անգամ պարտք չէր ուզել ինձանից։ Ես հարկավ, արիություն չէի ունենա նրա խնդիրը մերժելու․․․ նա էլ անշուշտ (գրում եմ այս ի պատիվ նրա) այդ լավ գիտեր։


ԺԷ․ գլուխ

Մի քիչ սառը ջուր


Արդեն մի շաբաթից ավելի կլիներ, որ նոր կյանքն սկսել էի՝ սպառազինված այն սոսկալի արիությամբ, որ անհրաժեշտ էր լինում ինձ՝ ներկա ծանր պայմաններում։ Ես դարձյալ շարունակում էի սաստիկ արագ, շտապ֊շտապ ման գալ և այն հույսով տարվել, թե մոտենում եմ նպատակիս։ Կանոնս էր ինչ էլ անեի, հոգուս ամբողջ ճիգով անել։ Ես ինքս ինձ համարյա թե զոհ էի բերում և մինչև անգամ մտածում միայն բուսական սնունդով ապրել․ ինձ թվում էր, թե մի խոտակեր անասուն դառնալով, Դորային մի նվեր մատուցած կլինեմ։

Եվ սակայն իմ եռանդուն ջանքերին չքնաղ Դորան միանգամայն անտեղյակ էր, որովհետև բացի մթին ակնարկներից՝ ուրիշ ոչինչ չէի գրում նրան այդ մասին։ Բայց ահա երկրորդ շաբաթը հասավ, և այդ շաբաթ երեկո Դորան պիտի միս Միլսի մոտ գտնվեր, և հենց որ մր․ Միլսը ուխտ խաղալու համար կլուբ գնար, մի աներևույթ ձեռք թռչնի վանդակ պիտի դներ դահլիճի միջին պատուհանում, և նույն րոպեին ես պիտի ներս մտնեի միս Միլսի մոտ թեյ խմելու։

Մենք արդեն լիովին հաստատվել էինք Բուկինհեմի փողոցում, և մր․ Դիկը շարունակում էր անասելի հրճվանքով իր թղթերն ընդօրինակել։ Տատս մի վերջնական հաղթություն էր տարել մրս․ Կրոպպի դեմ, նրա հաշիվները վճարելով, սանդուղքի վրա թաքուն դրված կժերը պատուհանից դուրս շպրտելով և անձամբ վերահսկում էր մուտքն ու ելքը մի նոր աղախնու, որին վարձել էր իր համար։ Այս կտրուկ միջոցները այնպես վախեցրել էին մրս․ Կրոպպին, որ նա իր սեփական խոհանոցն էր քաշվել այն համոզումով, թե տատս անշուշտ խելագարված կլինի։ Տատս, որին բնավ փույթ չէր, թե մրս․ Կրոպպը և կամ մի ուրիշ որևէ մարդ ի՞նչ կարծիք ունի իր մասին, աշխատում էր այդ համոզումը վառ պահել, ուստի և մրս․ Կրոպպը, որ փոքր֊ինչ առաջ այնքան քաջ էր, այժմ այնպե՜ս վախկոտ էր դարձել, որ տատիս աչքին երևալ անգամ չէր համարձակվում և նրան հանդիպելու մի թեթև վտանգը տեսնելուն պես՝ շտապում էր իր հաստ մարմինը դռների հետև անհետացնել, բայց միշտ ժիպոնի փեշերը նշմարելի թողնելով, և կամ թե մի մութ անկյունում թաքնվել։ Այս բոլորից տատս այնքան էր զվարճանում, որ կարծեմ դիտավորյալ էր սանդուղքով շուտ֊շուտ իջնում ու բարձրանում և դիտավորյալ իր գլխանոցին մի ահռելի դիրք տալիս, երբ սպասում էր, թե ճանապարհին մրս․ Կրոպպին կհանդիպի։

Տատիս կարգասեր ու հնարագետ ոգու շնորհիվ մեր տան մեջ այնքան մանր բարվոքումներ մտցվեցին, որ տեսնողը կասեր, թե մենք ոչ թե սնանկացել ենք, այլ դեռ ավելի հարստացել։ Ի միջի այլոց՝ նա ինձ համար արդուզարդի սենյակ էր դարձրել մեր մառանի մութ խցիկը և ինձ համար մի սիրուն մահճակալ գնել, որ ցերելով գրադարանի տեսք էր ստանում, ինչքան որ կարող էր այդ տեսքն ստանալ մի հահճակալ։ Ես միշտ նրա հոգածության առարկան էի, հարազատ մայրս անգամ ավելի սեր չէր շնորհի և ավելի խնամք չէր տանի ինձ երջանկացնելու։

Պեգգոտին անչափ գոհ էր, որ արտոնություն ունի այդ հոգսերին մասնակցելու, թեպետ իր հին սովորությամբ դարձյալ փոքր֊ինչ ահով էր նայում տատիս վրա, բայց վերջերս այնքան սիրո ու մտերմության նշաններ էր ստացել նրանից, որ երկուսն էլ իրար հետ ամենասերտ ընկեր էին դարձել։ Վերջապես հասավ այն շաբաթ օրը, երբ Պեգգոտին պիտի տուն վերադառնար Հեմի պետքերը հոգալու, իսկ ես միս Միլսի մոտ թեյ խմելու գնացի։

― Բարով գնաք, Բարկիս, ― ասաց տատս։ ― Լավ պահպանեցեք ձեզ։ Երբեք չէի կարծի, թե ձեր հեռանալն այսքան կափսոսամ։

Ես Պեգգոտիի հետ մինչև դիլիժանսը գնացի և օգնեցի նրան կառք նստել։ Մեկնելիս նա լաց եղավ ու խնամքիս հանձնեց իր եղբորը, ինչպես Հեմն էլ արել էր։ Ծերունու հեռանալուց ի վեր ոչ մի բան նրա մասին չէինք լսել։

― Դե, սիրելի Դավիթ, ― ասաց Պեգգոտին, ― քանի որ դու մի անթոշակ պաշտոնյա ես, փողի կարիք կունենաս․ հետո էլ, երբ պաշտոնիդ մեջ հաստատվես, գիտեմ, նոր֊նոր ծախքեր առաջ կգան։ Էհ, ո՞վ ավելի իրավունք ունի այդ դեպքերում քեզ փող առաջարկելու, քան թե ես՝ պառավ դայակդ։

Ես իմ անկախության զգացումով այնքան մոլեգնած չէի, որ նրան չասեի, թե երբ էլ պարտք առնելու կարիք ունենամ, միայն նրան կդիմեմ։ Հավատացած եմ, որ խոստումս լսելով, Պեգգոտին նույնքան ուրախացավ, ինչքան որ կուրախանար, եթե իսկույն ևեթ մի մեծ գումար վերցնեի նրանից։

― Հետո, սիրելիս, ― շշնջաց նա, ― ասա սիրունիկ ընկերուհուդ, թե ես շատ կցանկանայի տեսնել նրան, տեսնել գոնե մի անգամ։ Ասա նույնպես, որ ձեր հարսանիքից առաջ անպատճառ կգամ, ձեր տունը մի լավ կհավաքեմ, որ դա ձեզ համար դուրեկան լինի, եթե միայն ինձ թույլ տաք։

Խոսք տվի, որ նրանից բացի, ոչ ոք մեր բնակարանին չի դիպչի, և Պեգգոտին վերին աստիճանի ուրախ սրտով ճանապարհ ընկավ։

Ամբողջ օրը Դոկտորների Համայնքում ձանձրացա և ժամանակը կարճելու համար անթիվ հնարներ բանեցնելուց հետո՝ երեկոյան, որոշված ժամին, մր․ Միլսի տան փողոցը գնացի։ Մր․ Միլսը, որ ճաշից հետո քնելու անշահ սովորություն ուներ, դեռ տանից չէր դուրս եկել, և միջին պատուհանի մեջ ոչ մի վանդակ չէր երևում։

Նա ինձ այնքան սպասել տվեց փողոցում, որ ես սրտանց կցանկանայի, եթե նրա ուշանալու համար կլուբը մի լավ տուգանք դներ նրա վրա։ Վերջապես ահա դուրս ելավ, և ահա Դորան պատուհանի մեջ մի վանդակ դրեց, պատշգամբից ներքև նայեց և ինձ տեսնելու պես ներս վազեց։ Ջիպը ետ մնաց, ներքևից անցնող մի ահագին գամփռի վրա սաստիկ հաչելով, որ կարող էր մի դեղահատի պես կուլ տալ նրան։

Դորան եկավ դիմավորելու ինձ դահլիճի դռան մոտ․ Ջիպն էլ եկավ զայրացած, որ սխալվելով ավազակի տեղ էր ընդունել ինձ, և մենք երեքս միասին ներս մտանք՝ իրարից գոհ ու երջանիկ։ Սակայն ես ինքս ակամա այս ընդհանուր երջանկությունը բոլորովին խանգարեցի, հանկարծ Դորային հարցնելով, թե արդյոք նա կարո՞ղ է մի մուրացկանի սիրել։

Ա՜հ իմ սիրուն երկչոտ Դորաս։ Մուրացկան բառը լսելուն պես՝ նա երևակայեց գլուխը լաթով փաթաթած մի գունատ ու կնճռոտ ծերունի, մի զույգ անթացուպ, մի փայտե ոտք, բերնին մի պնակ բռնած մի նիհար շնիկ և կամ մի ուրիշ այսպիսի բան, ու չքնաղ ապշությամբ վրաս նայեց։

Ինչպե՞ս եք համարձակվում այսպիսի հիմար բան հարցնել, ― գոչեց Դորան, շրթունքը ծռելով։ ― Մուրացկան սիրել։

― Դորա, հոգյակս, ― ասացի ես։ ― Ես եմ այդ մուրացկանը։

― Եվ հնարել այդպիսի անմիտ առասպելներ, ― պատասխանեց Դորան, ձեռքիս զարնելով։ ― Իսկույն Ջիպին կհրամայեմ, որ ձեզ կծի։

Հրաշալի էր Դորայի մանկական վարմունքը, բայց և այնպես պետք էր բանի էությունը պարզել, և ես հանցիսաբար կրկնեցի․

― Դորա, հրեշտակս, աչքիս լույսը, քո Դավիթը սնանկացած է։

― Հավատացեք, այս րոպեիս Ջիպին կասեմ, որ ձեզ կծի, եթե այդ հիմար հանաքները շարունակեք, ― ասաց Դորան, գանգուրները թոթվելով։

Սակայն դեմքս այնքան լուրջ էր, որ Դորան դադարեց գանգուրները թոթովել, հետո իր դողդոջ թաթիկն ուսիս դրեց, հուզված աչքով երեսիս նայեց ու սկսեց լաց լինել։ Սարսափելի տեսարան։ Ես բազմոցի առջև չոքեցի սիրեցյալիս գուրգուրելով, աղաչելով որ իմ սիրտը չկտրտի։ Բայց խեղճուկ Դորան շարունակում էր հեկեկալ․ «Օ՜հ, աստված իմ, աստված իմ։ Սարսափում եմ։ Ո՞ւր է գնացել Ջուլիս Միլսը, տարեք ինձ Ջուլիայի մոտ։ Ահ, ոհ, խնդրում եմ, կորեք, հեռացեք»։

Ես մոլորված մնացի։

Վերջապես աղերսալից պաղատանքով հորդորեցի Դորային, որ գոնե մի անգամ վրաս նայի։ Նրա սարսափած դեմքը հետզհետե զվարթացավ, աչքերը գողտրիկ սիրով փայլեցին և նա իր քնքուշ, սիրուն թշիկն իմիս սեղմեց։ Այն ժամանակ ես նրա վզին փարվելով ասացի, թե հոգով սրտով սիրում եմ նրան, բայց և այնպես պարտք եմ համարում առաջարկել, որ նա ինձանից հրաժարվի, որովհետև ես սնանկացած եմ, թե նա կարող է ուրիշին ընտրել, բայց ես երբեք այդ հարվածին չեմ դիմանա ու կմեռնեմ․ թե ես չքավորությունից չեմ վախենում, միայն թե նա էլ չվախենար, թե բազուկներս զորեղ են ու սիրտս վառ նրա սիրով․ թե արդեն սկսել եմ մի այնպիսի եռանդով աշխատել, որ միայն սիրող մարդն ընդունակ է ըմբռնել, թե արդեն սկսել եմ գործնական լինել և ապագայիս մասին հոգալ․ թե ճակատի քրտինքով վաստակած մի կտոր հացն ավելի համեղ է, քան ժառանգած փարթամ ճաշը, և շատ ու շատ այս տեսակ բաներ ասացի այնպիսի բուռն ճարտարությամբ, որ ինձ էլ զարմացրեց, թեև տատիս հայտնած անակնկալ գույժից ի վեր գիշեր֊ցերեկ պատրաստել էի իմ ճառը։

― Արդյոք սիրտդ ա՞յժմ էլ ինձ է պատկանում, սիրելի Դորա, ― ասացի ես, այո լսելու վստահությամբ հափշտակված, որովհետև նա ևս սկսել էր ավելի սեղմվել ինձ։

― Օ՜հ, այո, ― գոչեց Դորան։ ― Այո՛, այո՛, միայն քեզ է պատկանում։ Բայց այդքան ահռելի մի երևար։

― Էլ երբեք չքավորության, աշխատանքի և այդպիսի բաների մասին չխոսես, ― հրամայեց Դորան, ավելի ամուր փարվելով ինձ։ ― Երբեք, երբեք։

― Օ՜հ, հոգյակ իմ, չէ՞ որ ազնիվ քրտինքով ձեռք բերված մի պատառ հացը․․․

― Այո, այո, բայց չեմ ուզում այդ հացի պատառների կրկնությունը լսել, ― ասաց Դորան։ ― Ջիպին ամեն օր, ժամը տասներկուսին, մի գառան կոտլետ է հարկավոր, եթե ոչ՝ հենց նույն օրը կմեռնի։

Այդ մանկական պատասխանի թովչությունը հիացրեց ինձ, և ես սիրով բացատրեցի, թե Ջիպն ամեն օր իր կոտլետը կստանա։ Այնուհետև մեր ապագա համեստ տնտեսությունը նկարագրեցի, ասելով, որ դա աշխատանքիս շնորհիվ անկախ կլինի, և մի թեթև գաղափար տվի Հայգեթում տեսած տնակիս մասին, ուր տատս էլ վերնահարկում մի առանձին սենյակ կունենա։

― Մի՞թե հիմա էլ ահռելի՞ եմ, Դորա, ― ասացի ես քնքշաբար։

― Ոչ, ոչ, ― գոչեց Դորան։ ― Բայց հուսով եմ, որ տատդ ճիշտ իր սենյակում կմնա, հուսով եմ նույնպես, որ նա մի փնթփնթան պառավ չի լինի։

Եթե հնար լիներ ավելի սիրել Դորային, կսիրեի, բայց զգում էի, որ նա գործնական կյանքին փոքր֊ինչ անտեղյակ է։ Աշխատելու ջերմ եռանդս կարծես սառեց, երբ տեսա, թե որքան դժվար է նույն եռանդը Դորային էլ հաղորդել։ Սակայն դարձյալ մի փորձ արի։ Հենց որ նա զգաստացավ ու Ջիպին իր գիրկն առնելով նրա ականջները սկսեց շփել, ես լրջությամբ ասացի․

― Սիրելիս, կցանկանայի մի բան ասել։

― Բայց աղաչում եմ, գործնական կյանքի մասին չխոսես, ― ասաց Դորան ինձ փաղաքշելով։ ― Սարսափում եմ այդ բանից։

― Հոգյակ իմ, դրա մեջ ամենևին սարսափելի բան չկա։ Ես կցանկանայի այդ կյանքը քեզ մի ուրիշ կերպ պատկերացնել, որպեսզի փոքր֊ինչ արիանաս, սիրտ առնես։

― Սոսկալին էլ հենց այդ է, ― գոչեց Դորան։

― Ո՛չ, ո՛չ, հոգյակս։ Տոկուն կամքով և ուժեղ բնավորությամբ, ամեն դժվարություն կարելի է հաղթել։

― Բայց ես ամենևին ուժ չունեմ, ― ասաց Դորան իր գանգուրների հետ խաղալով։ ― Ասա, Ջիպ, ուժ ունե՞մ, թե չէ։ Հապա, Դեվի, մի համբյուր տուր Ջիպին։

Անկարելի էր Ջիպին չհամբուրել, երբ Դորան մի օրինակ ցույց տալու համար իր իսկ վարդագույն, սիրուն շուրթերը համբույրի ձևով կլորեց և շնիկին այնպես երեսիս մոտ բռնեց, որ գործողությունը ճիշտ նրա դնչի կենտրոնի վրա կատարվի։ Ես նրա ուզածն արի, հնազանդությանս փոխարենը ստանալով, և այս փոքրիկ միջանկյալ դեպքը լուրջ մտքերս առժամանակ փարատեց։

― Սակայն, Դորա, ― ասացի ես, վերջ ի վերջո սթափվելով, ― ես ուզում էի մի բան ասել։

Նույնիսկ Արտոնության Ատյանի նախագահը կսիրահարվեր Դորային, եթե տեսներ, թե ինչպես նա իր թաթիկները ծալեց, աղաչելով, որ ահռելի բաներ չասեմ։

― Երդում եմ անում, սիրելիս, որ ահռելի բան չեմ ասի, ― կրկնեցի ես։ ― Սակայն, Դորա, եթե երբեմն փորձեիր մտածել․․․ ոչ թե սիրտդ թուլացնելու, բնավ ոչ․․․ այլ ուզենայիր մտածել՝ սիրտ առնելու այն հանգամանքից, որ․․․ նշանածդ մի չքավոր մարդ է․․․

― Աստծու սիրուն, բավական է, ― գոչեց Դորան։ ― Այդ ինչ սոսկալի բաներ են։

― Բնավ սոսկալի բաներ չեն, հոգիս, ― ասացի ես քաջալերիչ եղանակով։ ― Եթե երբեմն ուզենայիր այդ մասին մտածել, երբեմն ուշք դարձնել հորդ տնտեսական գործերին և աշխատեիր ընտելանալ, օրինակի համար, մուտք ու ելքի հաշիվներին․․․

Խեղճ Դորան այդ որ լսեց, մի հառաչանքի և կամ ճչի նման ձայն հանեց։

― Այդ մեզ մի օր շատ պետք կգար, ― շարունակեցի ես։ ― Եվ եթե խոստանայիր երբեմն աչքի անցնել․․․ այն խոհարարության փոքրիկ գիրքը, որ մտադիր եմ ընծայել քեզ, որքան լավ կլիներ մեզ համար։ Գիտցած եղիր, սիրելիս, ― ասացի ես ոգևորվելով, ― որ մեր կյանքի ճանապարհը փշոտ է, խորդուբորդ է, և մենք ինքներս պիտի հարթենք նրան։ Մեր առջև դեռ շատ արգելքներ կան, և մեզ պետք է քաջ լինել, որ աներկյուղ դիմադրենք և տապալենք նրանց, միշտ առաջ դիմելով։

Բռունցքս սեղմած, դեմքս վառված, մտադիր էի ավելի առաջ նետվել, բայց այդպես անելու հարկ չկար։ Ասածս էլ արդեն շատ էր։ Ինձ արդեն հաջողվել էր նորից փչացնել ամեն բան․․․ «Օ՜հ, ինչպես եմ սարսափած։ Օ՜հ, միս Ջուլիա Միլսը որտե՞ղ է։ Օ՜հ, նրա մոտ տարեք ինձ։ Օ՜հ, խնդրեմ կորեք, հեռացեք»։ Կարճ ասած՝ քիչ մնաց, որ խելքս թռցնեմ, և սկսեցի դեսուդեն վազել դահլիճում։

Կարծում էի, թե ահա Դորային սպանեցի։ Սկսեցի ջուր սրսկել նրա երեսին։ Ես նրա առջև չոքեցի։ Գլխիս մազերը փետեցի, հիմար, անգութ, չար գազան անվանեցի ինքս ինձ։ Աղաչեցի ներել ինձ։ Պաղատեցի, որ գեթ մի անգամ աչքերը բանա։ Տակնուվրա արի միս Միլսի ձեռագործի զամբյուղը՝ մեջը ոգու սրվակ գտնելու համար, և շատ շփոթված դրությանս մեջ սրվակի տեղ՝ նրա փղոսկրե ասեղնատուփը հանեցի ու բոլոր ասեղները Դորայի գլխին թափեցի։ Զայրույթից բռունցքով զարկեցի անմեղ Ջիպին, որ ինձ նման կատաղել էր։ Էլ գժություն չմնաց, որ չանեմ, և բոլոր հնարներս արդեն վաղուց հատել էին, երբ միս Միլսը ներս մտավ։

― Ո՞վ արավ այս, ― աղաղակեց միս Միլսը, ընկերուհուն օգնելով։

― Ես արի, ես։ Ահա ես եմ հանցավորը, մարդասպանը․․․

Եվ ուրիշ այսպիսի բաներ ասելով, ես բազմոցի վրա ընկա ու երեսս բարձին դեմ տվի։

Միս Միլսը նախ կարծեց, թե մենք իրար հետ կռվել ենք և Սահարայի անապատում մոլորվել, բայց շուտով բանի էությունը հասկացավ, որովհետև իմ պաշտելի սիրուն Դորան, նրա վզին փաթաթվելով, աղաղակեց, թե ես « մի խեղճ բանվոր» եմ, հետո սկսեց ինձ համբուրել, ինձ աղաչել, որ իր քսակի ամբողջ փողը վերցնեմ, և վերջապես նորից փարվելով միս Միլսին, այնպես սաստիկ հեկեկաց, որ կասեիր թե իր սրտիկը ճաքել է։

Միս Միլսն անշուշտ մեզ սփոփելու համար էր ստեղծված։ Իմ մի քանի խոսքերից նա ամեն ինչ ըմբռնեց ու քիչ֊քիչ համոզեց Դորային, թե ես մի հասարակ բանվոր չեմ (Դորան կարծել էր թե բեռնակիր եմ կամ ձեռքի սայլակով ավազ կրող), և հաշտեցրեց մեզ իրար հետ։ Երբ խաղաղությունը հաստատվեց, և Դորան վերև գնաց աչքերը փոքր֊ինչ վարդի ջրով լվանալու, միս Միլսը թեյ պատրաստելու նշան տվեց սպասուհուն։ Այդ միջոցին ես միս Միլսին հայտնեցի, թե նա իմ մշտական բարեկամն է և թե ես լավ կհամարեմ, որ սիրտս բաբախելուց դադարի, քան նրա սերն ու գութը մոռանամ։

Այնուհետև բացատրեցի նրան այն բոլորը, ինչ որ զուր ճգնել էի բացատրել Դորային։ Միս Միլսը ընդհանուր խոսքերով պատասխանեց, թե գոհության համեստ խրճիթը շքեղության սառ պալատից գերազանց է, և թե ուր որ սեր կա, ամեն բան կա։

Ասացի նրան, թե այդ խոսքերը միանգամայն ճշմարիտ են, և ո՞վ կարող էր այդ ավելի լավ գիտենալ, քան թե ես, որ Դորային մի այնպիսի սիրով եմ սիրում, որի նմանը և ոչ մի մահկանացու չի զգացել։ Սակայն երբ միս Միլսը հառաչելով նկատեց, թե մի քանի սրտեր թերևս երջանիկ կլինեին, եթե իմ չափ չսիրեին, ես շտապեցի սահմանավորել ասածս, հարելով, թե իմ խոսքերը միայն արական անձի մահկանացու էակներին են վերաբերում։

Այնուհետև առաջարկեցի միս Միլսին պարզ ասել՝ արդյոք լա՞վ է, թե լա՞վ չէ, գործնական տեսակետից, որ հանդգնել էի տնտեսական հաշիվների ու խոհարարության գրքի մասին խոսք բանալ։

Միս Միլսը մի քանի վայրկյան մտածելուց հետո այսպես պատասխանեց․

Մր․ Կոպպերֆիլդ, ասելիսքս պարզ կասեմ։ Մի քանի անձանց համար հոգեկան փորձերն ու վշտերը տարիների սնունդ են տալիս, և ես կցանկանամ մի վանամոր պես պարզ խոսել ձեզ հետ։ Ո՛չ, մր․ Կոպպերֆիլդ։ Ձեր հարուցած խնդիրները չեն հարմարվում մեր Դորային։ Մեր Դորան բնության սիրասուն մանուկն է։ Նա լույսի, օդի և զվարթության էակ է։ Չեմ թաքցնի, լավ էր, եթե հնար լիներ հասկացնել նրան, որ․․․ սակայն․․․

Եվ միս Միլսը գլուխը թոթվեց։

Միս Միլսի այդ թևական հավանությամբ խրախուսված, հարցրի նրան՝ արդյոք չէ՞ր հաճի մի պատեհ առիթ գտնելուն պես, Դորայի ուշքն ու միտքը այդ լուրջ նյութերի վրա հրավիրել, որոնք այնքան կարևոր են կյանքի մեջ։ Միս Միլսը հոժարությամբ հաստատական պատասխան տվեց, և ես սիրտ արեցի խոհարարության գիրքն էլ մեջ բերել։

― Այդ գիրքը ես ինքս կգնեմ ու ձեզ կհանձնեմ, միս Միլս, ― ասացի ես։ ― Եվ եթե կարենաք այնպես անել, որ Դորան այդ գիրքը առանց սարսափի ընդունի, մեծ լավություն կանեք մեզ։

Այդ խնդիրս էլ միս Միլսը ընդունեց, բայց ոչ այնքան հոժարակամ։

Եվ երբ Դորան վերադարձավ, նա այնքան սիրելի էր, որ ես ակամա կասկածեցի, թե արդյոք ներելի՞ է այդ գծուծ բաներով զբաղեցնել նրան։ Եվ նա ինձ այնքա՜ն սիրում էր, այնպես էլ հրապուրիչ էր (մանավանդ երբ Ջիպին հրամայեց հետևի ոտիկների վրա կանգնել իր ձեռքից մի տոստի կտոր ընդունել, և հետո սպառնաց տաք թեյամանով նրա դնչիկն այրել, որովհետև չէր կամենում հնազանդվել), որ ես քերիի հովանոցը մտած մի հրեշ կարծեցի ինձ, երբ հիշեցի, թե ինչպե՞ս եմ վախեցրել նրան և արտասուք թափել տվել։

Թեյից հետո կիթառի նվագը վայելեցինք, և Դորան երգեց իր հին ֆրանսիական երգերն այն մասին, թե միանգամայն անհնրարին է, որ մարդ դադարի տրա լա՜ լա՜, տրա լա՜ լա՜ պարելուց, և ես հրեշ լինելս այժմ ավելի զգացի, քան թե առաջ։

Մեր ուրախության վրա միայն մի թեթև ստվեր ընկավ, և այդ պատահեց իմ մեկնելուց փոքր֊ինչ առաջ, երբ միս Միլսի մի պատահական ակնարկի առթիվ վաղվա մասին՝ ես դժբախտաբար ասացի, թե ստիպված լինելով աշխատել, այժմ սովոր եմ առավոտյան ժամը հինգին վեր կենալ։ Չգիտեմ Դորան ի՞նչ կարծեց ― մի գիշերապահ դռնապա՞ն եմ, թե՞ մի ուրիշ այսպիսի բան ― միայն թե խոսքերս նրա վրա շատ ազդեցին, և այնուհետև նա ո՛չ երգեց, ոչ՛ էլ նվագեց։

Նա դեռ մտածում էր այդ մասին, երբ ես նրան բարի գիշեր մաղթեցի։

― Տես հա, չարաճճի, ― ասաց նա ինձ քնքուշ ձայնով, որով դիմում են տիկնիկին, ― ժամը հինգին չվերկենաս։ Այդ ի՞նչ անմիտ, հիմար բան է։

― Շատ գործ ունեմ, հոգի ջան։ Պիտի աշխատեմ։

Բնավ պետք չէ աշխատել, ― ասաց Դորան։ ― Աշխատելն ինչացո՞ւ է։

Հնար չկար այլ ձևով պատասխանել նրա սիրունիկ, ապշած հայացքին, բացի զվարթ կատակից, թե աշխատել հարկավոր է ապրելու համար։

― Ֆի, ինչ ծիծաղելի բան է, ― գոչեց Դորան։

― Հապա ինչպե՞ս կարելի է ապրել առանց դրա, սիրելի Դորա։

― Ինչպե՞ս։ Ինչպե՜ս էլ լինի, ― ասաց Դորան։

Նա լիովին համոզված էր, որ խնդիրը լուծեց, և իր անմեղ սրտի բուն խորքից մի այնպիսի հաղթական համբույր շնորհեց ինձ, որ եթե աշխարհիս ամբողջ ոսկին էլ ինձ տային, չէի համաձայնի նրա սխալը փարատել։


Շա՜տ լավ։ Ես սիրում էի նրան ու շարունակեցի անհուն սիրով, հոգուս ամբողջ զորությամբ սիրել։ Շարունակեցի և՛ աշխատել, և՛ փութաջան, անդուլ, անխոնջ եռանդով երկաթներս կռել֊կոփել։ Բայց և այնպես երբեմն֊երբեմն, երեկոյան տատիս առջև լուռ նստած, հիշում էի Դորայի այն գիշերվա սոսկումը և մտածում, թե ինչպե՞ս պիտի կիթառը ձեռքիս ճանապարհ կտրեմ թանձրախիտ արգելքների անտառի միջով, և այս բանի վրա մտմտալիս ինձ թվում էր, թե մազերս սկսում են սպիտակել։


ԺԸ․ գլուխ

Ընկերության լուծվելը


Ես չթողի, որ Պառլամենտի պայքարների վերաբերյալ որոշումս սառչի։ Դա էր այն երկաթը, որ ամենից առաջ սկսեցի ծեծել և ծեծել այնպիսի եռանդով, որ իրավամբ ինքս էլ կարող էի զարմանալ։ Ես գնեցի սղագրության ազնիվ արվեստի մի անվանի դասագիրք (վճարելով տասը շիլինգ ու վեց պենս) և սուզվեցի դրա խրթին կնճիռների ծովի մեջ, որի ալիքները խելագարության ափին հասցրին ինձ։ Կետերի պես֊պես փոփոխությունը, որոնք մի կերպ գրվելով այսինչ բանն են նշանակում, ուրիշ կերպ գրվելով՝ մի ուրիշ և բոլորովին հակառակ բան, շրջանների ու պարույրների հազար տեսակ ձևերը, մի ճանճի թաթիկի չափ չնչին գծից առաջ եկող անսպասելի իմաստները, մի ծուռ քաշված ոլորակի սարսափելի հետևանքը, մի քիչ բութ կամ սուր շեշտի զարհուրելի ազդեցությունը՝ այդ բոլորը շփոթում էր, հալածում էր ինձ և ես ոչ միայն արթուն ժամանակ, այլև քնիս մեջ հոգուս հանգիստը վրդովում։ Երբ դեսուդեն խարխափելով այդ արգելքների խառնուրդի մեջ մի որևէ շավիղ էի կտրում ու փոքր ի շատե ընտելանում այբուբենին, որ արդեն ինքնըստինքյան մի եգիպտական մեհյան էր, նոր արհավիրքի թափոր էր բացվում իմ առջև՝ կամայական նշանների թափորը։ Այդ նշանների պես բռնակալ բան ես օրումս չէի տեսել․ պահանջում էին, օրինակի համար, որ սարդի ոստյանի նմանություն ունեցող մի նուրբ ձև ակնկալեք նշանակի, և հռոմեական կերոնի նման նկարը՝ վնասակար բառի հոմանիշ լինի։ Հենց որ այդ դիվային նշանները դրոշմում էի մտքիս մեջ, տեսնում էի, որ դրանք գլխիս միջից դուրս են քշել արդեն առաջ սովորածներս, և երբ սկսում էի հները որոնել ու հավաքել, նորերն էի մոռանում, սիստեմի այսինչ մասնիկը գտնելիս՝ մյուսներն էի կորցնում, մի խոսքով՝ կարելի էր գժվել այս բոլորից։

Եվ անշուշտ կգժվեի, եթե Դորան չլիներ, Դորա՜ն, իմ նավակի միակ խարիսխն այս ալետանջ ծովի մեջ։ Սիտեմի յուրաքանչյուր փշիկը մի հաստաբուն կաղնի էր դժվարությունների անտառում, որ պետք էր տապալել, և ես մեկը մյուսի հետևից ջախջախեցի նրանց այնպիսի ուժով, որ արդեն երեք֊չորս ամսից հետո կարողացա մեր Համայնքի մի ճարտար հռետորի վրա փորձ անել։ Արդյոք երբևիցե կմոռանա՞մ, թե ինչպես այդ ճարտասանը իր բերանը բանալուն պես նետի նման առաջ սլացավ, մինդեռ ես դեռ մի խազ անգամ չէի գծել, և մատիտս վերնոտի նման թղթի վրա ոստոստելով ետ մնաց․․․

Պարզ էր, որ բանս վատ է։ Շատ բարձր էի թռել․ պետք էր փոքր֊ինչ ցած իջնել։ Դիմեցի Տրեդլսի խորհրդին, և նա առաջարկեց կամաց֊կամաց թելադրել ինձ ճառերը, ստեպ֊ստեպ կանգ առնելով, ինչպես որ պահանջում էր իմ չիմանալը։ Այս սիրալիր օգնությունը շնորհակալությամբ ընդունեցի և այնուհետև երկար ժամանակ ու համարյա թե ամեն գիշեր․ հենց որ դոկտոր Ստրոնգի գրասենյակից ետ էի գալիս՝ մի մասնավոր պառլամենտի նման բան էինք սարքում Բուկինհեմի փողոցում։

Կցանկանայի որևէ տեղ մի ուրիշ այդպիսի պառլամենտ տեսնել։ Տատս ու մր․ Դիկը, հանգամանքներին նայելով, մերթ կառավարությունն էին ներկայացնում, մերթ ընդդիմադիր կուսակցությունը, իսկ Տրեդլսը, Էնֆիլդի «Ատենաբանով» կամ թե պառլամենտի պայքարների որևէ հատորով զինված՝ որոտալից պարսավ էր շանթում նրանց դեմ։ Սովորաբար Տրեդլսը՝ մի սեղանի մոտ կանգանած, ձախ ձեռքը գրքին դրած, որպեսզի էջը չկորցնի, և աջը գլխի առջև ճոճելով, ինչպես մի նորհայատ Պիտ, Ֆոքս, Շերիդան, Բեորկ, լորդ Կեստլրի, կոմս Սիդմաութ և կամ Քեննինգ, մր․ Դիկին ու տատիս չարաչար հարվածում էր անօրենության ու կաշառակերության ոճիրների համար, իսկ ես, նրա սեղանից փոքր֊ինչ հեռու, հուշատետրն առջևս բռնած՝ ամբողջ ջանքովս ճիգ էի թափում ետ չմնալ նրանից։ Մտքերի անհաստատության ու թեթևության կողմից ոչ մի եվրոպական քաղաքագետ չէր կարող գերազանցել Տրեդլսին։ Մի շաբաթվա ընթացքում նա ամեն տեսակ իրար ընդդեմ քաղաքական ուղղություններ ընդունեց և ամեն գույնի դրոշակ պարզեց։ Տատս, մի կանցլերի պես անշարժ, նրան մեկ֊մեկ ընդհատում էր․ «Շա՛տ լավ, շա՛տ լավ» կամ թե «Ո՛չ, ո՛չ» և կամ թե «Օ՜հ, օհ» գոչյուններով, և մր․Դիկը, իբրև մի բուն գավառացի ջենտլմեն, անմիջապես միևնույնը կրկնում էր հրճվանքով։ Սակակյն մր․ Դիկն իր պառլամենտական ասպարեզի ընթացքում այնպիսի ահեղ ոճիրների մեջ ամբաստանվեց, այնպես խիստ մեղադրանքներ լսեց, որ հետզհետե սկսեց դողալ ու կարծեմ վերջ ի վերջո հավատաց, թե ինքն իրոք Մեծ Բրիտանիայի սահմանադրության կործանում ու պետության քայքայում սպառնացող մի չար բան արած չլիներ։

Շատ անգամ այս պայքարները մինչև կես֊գիշեր էինք շարունակում, մինչև իսկ ճրագների բոլորովին այրվելը։ Մեր ջանքերի հետևանքն այն եղավ, որ ես սկսեցի համարյա թե Տրեդլսի հետ հավասար ընթանալ, և հաղթանակս կատարյալ կլիներ, եթե միայն իմ խզմզած գծերի իմաստը գոնե փոքր֊ինչ հասկանայի։ Սակայն դժբախտաբար, երբ փորձում էի կարդալ դրանք, այնքան բան էի հասկանում, ինչքան որ կհասկանայի թեյի տուփերի երեսին գծված չինական նշաններից և կամ այն ոսկեգիր տառերից, որ կարելի է տեսնել դեղարաններում շարված կարմիր ու կանաչ շշերի վրա։

Ուրիշ ոչինչ չէր մնում անել, եթե ոչ դառնալ և ամեն բան վերսկսել։ Տաժանելի գործ։ Բայց սիրտս ամրացնելով, ետ էի դառնում և քրտնաջան աշխատությամբ ու կրիայի քայլերով միևնույն ճանապարհը նորից անցնում, ամեն մի գիծ մանրամասն աչքի առնում և սոսկալի համառությամբ ճիգ թափում ըմբռնելու այդ չարանենգ նշանների իմաստը, ուր էլ դրանք հանդիպեին։ Միևնույն ժամանակ կանոնավոր հաճախում էի գրասենյակս Դոկտորների Համայնքում, ինչպես և դոկտոր Ստրոնգի գրասենյակը․ կարճ ասած՝ աշխատում էի չարքաշ եզան պես։

Մի օր Համայնքը գնալիս՝ մուտքի մոտ մր․ Սպընլոյին հանդիպեցի, որ անչափ լուրջ էր և մի ինչ֊որ բան էր փնթփնթում։ Կարծեցի թե հիվանդ է․ նա ստեպ գանգատվում էր գլխացավից ― վիզը կարճ էր և կոշտ օսլայած փողպատի պատճառով գրեթե խեղդվում էր։ Սակայն ենթադրությունս սխալ եղավ։

Փոխանակ սովորական մտերմությամբ պատասխանելու «բարի լույս, սըր» ողջունիս՝ նա մի հանդիմանական, սառն կերպով վրաս նայեց և հրամայեց հետևել իրեն մի սրճարան, որ Համայնքի հանդեպ էր՝ ս․ Պողոսի գավթի կամարակապ նրբանցքում։ Հնազանդվեցի, և նույն րոպեին մարմնիս վրա տաք֊տաք քրտինք զգացի և ասես թե բոլոր կասկածներս բողբոջների պես կաշուս միջից դուրս ցցվեցին։ Անցքը նեղ էր։ Մր․ Սպընլոն առաջ գնաց․ նրա գլխի խրոխտ բռնվածքից ոչ մի լավ բան չէր կարելի սպասել․ սիրտս ասում էր, թե իմ ու Դորայի գաղտնիքը նա ինչ֊որ ձևով որսացել է։

Ենթադրությունս չարաչար ճշմարտվեց, երբ նրա հետ միասին վերևի սենյակը մտնելուս պես միս Մեորդստոնին տեսա․ նա կանգնած էր դարակին հենված, որի վրա մի քանի հատ՝ լիմոնով բաժակներ կային և զանազան անկյուններով ու խորշերով հիմա արդեն անգործածելի երկու տարօրինակ արկղիկներ, որոնց մեջ դանակներ ու պատառաքաղներ էին պահվում։

Միս Մեորդստոնը իր սառցային մագիլներն ինձ մեկնեց և խոժառադեմ նստեց։ Մր․ Սպընլոն դուռը փակեց, նշան արեց, որ ես էլ նստեմ, և վառարանի առջև փռված գորգի վրա կանգնեց։

― Հաճեցեք ցույց տալ մր․ Կոպպերֆիլդին, ― ասաց մր․ Սպընլոն, ― ինչ որ ունիք ձեր ռեդիկուլում, միս Մեորդստոն։

Եթե չեմ սխալվում, դա նույն պայուսակն էր՝ պողպատե ճարմանդով ու երախի պես բացվող բերանով, որ տեսել էի մանկությանս օրերում։ Միս Մեորդստոնը ճարմանդի հետ միասին իր շուրթերն էլ սեղմեց, զսպանակը հուպ տվեց և պայուսակը բանալուն պես իր բերանն էլ բանալով, պայուսակի միջից իմ վերջին նամակը հանեց ― քնքուշ սիրո զգացումներով թաթախուն վերջին նամակս առ Դորան։

― Կարծեմ ձերն է այս ձեռագիրը, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Սպընլոն։

Ես բռնկվեցի, և իմս չէր այն ձայնը, որով պատասխանեցի․

― Այո՛, սըր։

Միս Մեորդստոնը կապտագույն ժապավենով կապված նամակների մի ծրար հանեց պայուսակից և մր․ Սպընլոյին հանձնեց։

― Սրանք էլ, կարծեմ, ձեր գրչի արգասիքն են, մր․ Կոպպերֆիլդ, ― շարունակեց մր․ Սպընլոն։

Ընկճված սրտով վերցրի նրանից այդ ծրարը, և հենց որ թերթերի ճակատին «Սիրելի Դորա, հոգյակս, հրեշտակս» բառերը նշմարեցի՝ երեսս բորբոքվեց ու գլուխս կախ ընկավ։

― Ո՛չ, շնորհակալ եմ, ― ասաց մր․ Սպընլոն սառնությամբ, երբ մեքենայաբար ետ էի տալիս ծրարը։ ― Չեմ ուզում ձեզ այդ գանձից զրկել։ Խնդրեմ շարունակեցեք, միս Մեորդստոն։

Այդ չնաշխարհիկ արարածը մի քանի վայրկյան մտածկոտ հայացքով գորգին նայելուց հետո՝ հետևյալը պատմեց ամենապաղ անդորությամբ։

― Պիտի ասեմ, որ արդեն վաղուց կասկածելի էր երևացել ինձ, միս Սպընլոյի հարաբերությունը Դավիթ Կոպպերֆիլդի հետ։ Հենց առաջին հանդիպումից ես սկսեցի երկուսին էլ աչքաբաց դիտել, և տպավորությունս անախորժ էր։ Մարդկային սրտի ապականությունն այնտեղ է հասնում, որ․․․

― Խնդրեմ, տիկին, միայն փաստերով բավականացեք, ― նկատեց մր․ Սպընլոն։

Միս Մեորդստոնը աչքերը կախեց, գլուխը շարժեց, իբր թե բողոքելու այդ անպատշաճ ընդմիջման դեմ, և ապա շարունակեց վշտացած հպարտությամբ։

― Որովհետև միայն փաստեր են պահանջում ինձնից, ես էլ միայն չոր֊չոր փաստեր առաջ կբերեմ։ Ասացի, սըր, թե վաղուց արդեն սրտիս մեջ կասկած էր ընկել միս Սպընլոյի ու Դավիթ Կոպպերֆիլդի նկատմամբ։ Շատ էի ուզում կասկաածներս մի դրական փաստով հաստատել, բայց ջանքերս զուր էին անցնում։ Այս պատճառով զգուշանում էի միս Սպընլոյի հորը բան ասելուց (խիստ֊խիստ նայելով նրան)․ ես գիտեմ, թե այսպիսի դիպվածներում մարդիկ որքա՜ն չեն հոժարում հավատ ընծայել իրենց պարտքը ճիշտ կատարող անձերին։

Մր․ Սպընլոն կարծես ընկճվելով միս Մեորդստոնի այդ այրական խստությունից, իր ձեռքի մի հաշտաբար շարժումով շտապեց փոքր֊ինչ ամոքել նրան։

― Երբ ես Նորվուդից ետ եկա, ուր գնացել էի եղբորս հարսանիքին ներկա լինելու, ― շարունակեց միս Մեորդստոնը արհամարական եղանակով, ― երբ միս Սպընլոն էլ միս Միլսի տանից վերադարձավ, ուր հյուր էր գնացել, տեսա, որ միս Սպընլոն ավելի կասկածելի ընթացք էր բռնել։ Հետևաբար ես էլ սկսեցի ավելի արթուն հսկել նրա վրա։

Իմ նազելի՜, խղճո՜ւկ Դորա, արդյոք կարո՞ղ էիր երևակայել, որ այդ վիշապի արթուն աչքերը ամեն քայլիդ հետևում է։

― Բայց և այնպես, ― շարունակեց միս Մեորդստոնը, ― չէի կամենում մի փաստ գտնել մինչև երեկ։ Ինձ թվում էր, թե միս Սպընլոն շատ հաճախ է նամակներ ստանում միս Միլսից․ սակայն գիտենալով, որ այդ օրիորդի բարեկամությունը միս Սպընլոյի հետ վերջինիս հոր հաճությամբ է տեղի ունեցել (դարձյալ մր․ Սպընլոյի վրա մի դաժան հայացք), հարկ չհամարեցի միջամտել։ Եթե իմ ակնարկը մարդկային սրտի ապականության վրա անպատշաճ գտան, թող գոնե ներվի ինձ անտեղի հավատարմության մասին բան ասել։

― Լավ կանեք, ― մրմնջաց մր․ Սպընլոն։

― Երեկ երեկոյան, թեյից հետո, ― շարունակեց միս Մեորդստոնը, ― նկատեցի, որ շնիկը մռմռալով, վազվզելով ու ցատկոտելով դահլիճում, մի ինչ֊որ բան է գզգզում։ «Դորա, այդ ի՞նչ բան է շնիկի բերանում», ասացի ես միս Սպընլոյին։ Միս Սպընլոն անմիջապես գոտու մեջ տարավ իր ձեռքը, ճիչ հանեց ու իր շնիկի հետևինց վազեց։ Ես բռնեցի նրան ու ասացի․ «Սիրելի Դորա, թույլ տվեք ես ինքս․․․»։

Օ՜հ, Ջիպ, դու անշահ սպանիական շուն․ ուրեմն դո՞ւ ես մեր դավաճանը։

― Միս Սպընլոն փորձում էր, ― ասաց միս Մեորդստոնը, ― համբյուրներով, ձեռագործի տուփերով, զանազան մանր գոհարեղենով կաշառել ինձ․․․ թողնենք այդ։ Շնիկը բազմոցի տակ թաքնվեց, և ես շատ չարչարվեցի, մինչև որ ունելիով դուրս բերի նրան այնտեղից։ Բայց դուրս գալուց հետո էլ թուղթը բերանում բռնած էր, և երբ ես, նույնիսկ կծոտվելու վտանգի ենթարկվելով, ուզում էի թուղթը թռցնել, նա շարունակեց այնպես համառ սեղմել նրան ատամներով, որ փաստաթղթի հետ օդում կախ մնաց։ Վերջապես թուղթը խլեցի։ Կարդալուց հետո, մեղադրեցի միս Սպընլոյին, թե անշուշտ ուրիշ այդպիսի նամակներ էլ կունենա, և ապա նրանից այդ ծրարն ստացա, որ ահա Դավիթ Կոպպերֆիլդի ձեռքին է։

Լռեց և շառաչյունով իր պայուսակը գոցելով ու բերանը փակելով, մի այնպիսի դիրք ընդունեց, որ կարծես ուզում էր ասել․ «Դուք կարող եք ավելի շատ խորտակել ինձ, քան ընկճել»։

― Ահա, լսեցիք միս Մեորդստոնին, ― ասաց մր․ Սպընլոն, ինձ դառնալով։ ― Կցանկանայի իմանալ, մր․ Կոպպերֆիլդ, թե ի՞նչ պատասխան կտաք մեզ։

Արժանապատվությանս չնչին մնացորդն էլ կորավ այն պատկերի հանդիման, որ կանգնած էր աչքիս առջև․ տեսնում էի իմ լքյալ, իմ պաշտելի Դորային, որ մեն֊մենակ, սարսափած ու թշվառ՝ ամբողջ գիշեր լաց էր եղել, զուր ջանալով ներում ստանալ այդ քարասիրտ կնոջից․․․ և նրան համբույրներ, տուփեր, գոհարներ առաջարկել․․․ և այժմ հուսահատ էր իմ պատճառով։ Սրտիս վշտից ամբողջ մարմինս դողում էր, թեև աշխատում էի ծածկել այդ։

― Ասելիք չունեմ, սըր, ― պատասխանեցի վերջապես։ ― Ամբողջ հանցանքն իմն է։ Ես էի Դորային․․․

― Միս Սպընլոյին, կցանկանայի ասել, ― իշխանաբար ուղղեց հայրը։

― ․․․ հաղորդել ու համոզել, ― շարունակեցի ես՝ առանց այդ պաղ անունը կրկնելու, ― համոզել, որ մեր գաղտնիքը ձեզնից թաքցնի, և այժմ սաստիկ զղջում եմ։

― Ամենախիստ հանդիմանության արժանի եք, սըր, ― ասաց մր․ Սպընլոն, գորգի վրա ետ ու առաջ ման գալով և մարմինը սաստիկ շարժելով, բացի գլխից, որ օձիքների ու ողնաշարի կարծրությունից ամենևին չէր կարող շարժել։ ― Ձեր արածը մի գողունի, անարգ բան է, մր․ Կոպպերֆիլդ։ Իմ տանը մի ջենտլմեն ընդունելիս, քանի տարեկան էլ որ լիներ՝ տասնինը, քսանինը թե իննսուն, ընդունում եմ լիակատար վստահությամբ։ Եվ եթե նա վստահությունս խաբում է, ասել է թե ստոր է վարվում, մր․ Կոպպերֆիլդ։

― Հավատացեք, սըր, ― ասացի ես, ― որ ինքս էլ այդ զգում եմ։ Բայց դրա մասին մինչև հիմա չէի մտածել։ Ազնվաբար, անկեղծ սրտով ասում եմ ձեզ, մր․ Սպընլո, մինչև հիմա ոչ մի անգամ չէի մտածել դրա մասին։ Ես այնպե՜ս եմ սիրում միս Սպընլոյին․․․

― Ֆի՜, ինչ հիմար բան է, ― գոչեց կարմրելով մր․ Սպընլոն։ ― Գուցե երեսիս չասեիք, թե իմ աղջկան սիրում եք։

― Եթե սերս չլիներ, էլ ինչո՞վ իմ արարքը կարդարացնեի, սըր, ― պատասխանեցի ես համեստաբար։

― Համենայն դեպս, ո՛չ այդպիսի հիմար սիրով, ― գոչեց հանկարծ մր․ Սպընլոն ու գորգի վրա կանգ առավ։ ― Արդյոք հաշվե՞լ եք, մր․ Կոպպերֆիլդ, ձեր տարիքն ու իմ աղջկա տարիքը։ Արդյոք մտածե՞լ եք, թե ի՞նչ կնշանակի հոր ու դստեր հավատարմության հիմքը քանդել։ Մտածե՞լ եք այն հասարակական դիրքի մասին, որ բռնում է իմ աղջիկը․ այն հեռանկարների մասին, որ կազմել եմ նրա ապագայի վերաբերմամբ, այն կտակի մասին, որ մտադիր եմ անել նրա օգտին։ Արդյոք այս բոլորից մի որևէ բանի մասին մտածե՞լ եք, մր․ Կոպպերֆիլդ։

― Մտածել եմ, բայց շատ քիչ, ― պատասխանեցի ակնառությամբ ու տրտմությամբ։ ― Սակայն դրա փոխարեն կարող եմ հավաստել, որ լավ եմ կշռել իմ հատուկ դրությունը այս կյանքում։ Երբ ես այդ դիրքը ձեզ բացատրեցի, Դորան ու ես արդեն երդումով իրար հետ կապված էինք․․․

― Խնդրեմ չհամարձակվեք երդման ու կապերի մասին բան ասել ինձ, ― գոչեց մր․ Սպընլոն այնպես սաստիկ ծափ տալով, որ անգամ հուսահատ դրությանս մեջ անկարող էի չնկատել, որ այդ միջոցին նա լարով շարժող պընչի[48] նման էր։

Մինչև այդ անշարժ նստած միս Մերոդստոնը մի հեգնական ու մի վանկանի ծիծաղ հանեց։

― Երբ ես ձեզ իմ փոխված հանգամանքները հայտնեցի, սըր, ― սկսեցի ես նորից, իրեն անախորժ ձևի փոխարեն մի ուրիշ ձև տալով խոսքերիս, ― միս Սպընլոյի ու իմ միջև արդեն սկսվել էր այն գաղտնիքը, որի պատճառը դժբախտաբար ես էի։ Հանգամանքներիս փոխվելուց ի վեր ես ամեն ջանք գործ եմ դրել կյանքիս վիճակը բարվոքելու և հավատացած եմ, որ մի օր անշուշտ կբարվոքեմ։ Միայն հաճեցեք մի փոքր ժամանակ շնորհել ինձ։ Միթե չե՞ք շնորհի։ Չէ՞ որ մենք դեռ այնքա՜ն ջահել ենք, նա ու ես․․․

― Իրավ է, ― ընդհատեց ինձ մր․ Սպընլոն, մի քանի անգամ գլուխը շարժելով ու հոնքերը կիտելով։ ― Ճշմարիտ է, երկուսդ էլ շատ ջահել եք։ Այդ բոլորը խենթություն է, և քանի շուտ վերջանա, այնքան լավ։ Վերցրեք այս նամակները և կրակը նետեցեք։ Դուք էլ ինձ միս Սպընլոյի նամակները ետ տվեք, որ ես նրանց կրակը նետեմ։ Հասկանալի է, որ այսուհետև մեր ապագա հարաբերությունները, միայն Համայնքում տեղի կունենան, և այլևս անցյալի մասին չենք խոսի։ Դե, մր․ Կոպպերֆիլդ, դուք անխելք չեք և կհասկանաք, որ սրանից լավ ելք չկա։

Ո՛չ։ Ես այդ բանին չէի կարող համաձայնել։ Շատ էի ցավում, բայց նկատողության արժանի մի բան կար, որ խելքի հաշիվներից շատ բարձր է։ Սերը ամեն բանից գերազանց է, և ես սիրում էի Դորային, պաշտում էի նրան, և Դորան ինձ էր սիրում։ Ասելիքս, հարկավ, ճիշտ այս խոսքերով չասացի ու բավական մեղմացրի․ բայց և այնպես միտքս պարզ էր և որոշումս անդառնալի։ Արդյոք շա՞տ էի ծիծաղելի այդ միջոցին։ Չեմ կարծում․ բայց որ ձայնիս ու դեմքիս արտահայտությունը վճռական էր ― այդ քաջ գիտեմ։

― Շատ լավ, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Սպընլոն, ― ուրեմն ես աղջկաս վրա կփորձեմ ազդել։

Միս Մեորդստոնը արձակեց ոչ թե հառաչանքի կամ հեծության, այլ երկուսին էլ հավասար մի ձայն, հասկացնելով, թե մր․ Սպընլոն վաղուց արդեն պարտավոր էր այդ փորձն անել։

― Եվ անպատճառ կփորձեմ աղջկաս վրա ազդել, ― ասաց մր․ Սպընլոն՝ այդ ակնարկությամբ քաջալերված։ ― Դուք հրաժարվո՞ւմ եք այս նամակները ետ տանել, մր․ Կոպպերֆիլդ, ― հարցրեց նա, տեսնելով որ ես ծրարը սեղանի վրա դրի։

― Այո՛։ Ես խնդրեցի մր․ Սպընլոյին հանդգնություն չհամարել, որ անկարող եմ միս Մեորդստոնի ձեռքից ընդունել նամակները։

― Ոչ էլ ի՞մ ձեռքից, ― հարցրեց մր․ Սպընլոն։

― Ոչ էլ ձեր ձեռքից, ― պատասխանեցի ամենախորին հարգանքով։

Մի երկար լռություն հաջորդեց, և ես վարանում էի, արդյոք հեռանա՞մ, թե՞ մնամ։ Վերջապես հանդարտ մոտեցա դռան և մտադիր էի ասել մր․ Սպընլոյին, թե գուցե հեռանալովս ավելի լավ կհամակերպվեմ իր ցանկությանը, երբ նա ձեռքերը գրպանների մեջ խոթելով, որ նրա համար մի բավական դժվար բան էր, լուրջ ու շատ ջերմեռանդ ձայնով ասաց․

― Երևի թե անհայտ չէ ձեզ, մր․ Կոպպերֆիլդ, որ ես աշխարհային բարիքներից իսպառ զուրկ չեմ, և որ աղջիկս իմ ամենասիրելի և ամենասերտ ազգականն է։

Տաք֊տաք պատասխանելով մր․ Սպընլոյին, ես հույս հայտնեցի, թե իմ կաթոգին սիրուց ծագած սխալ քայլը տեղի չի տա նրան կարծելու, թե մի շահասեր էակ եմ։

― Ակնարկիս միտքը բնավ այդ չէր, ― ասաց մր․ Սպընլոն, ― ձեզ համար, մր․ Կոպպերֆիլդ, անշուշտ և բոլորիս համար ավելի լավ կլիներ, եթե իրոք շահասեր չլինեիք․․․ այսինքն՝ ավելի խոհեմ և ոչ այդպես պատանեկան ցնորքներով մոլորված։ Ո՛չ։ Հարցիս միտքն ուրիշ է։ Երևի թե անհայտ չէ՞ ձեզ, որ ես իմ աղջկան կտակելու մի փոքրիկ գույք ունեմ։

Պատասխանեցի, թե հավանական եմ համարում։

― Եվ հարկավ չե՞ք կարծի, ― ասաց մր․Սպընլոն, ― քանի որ Համայնքում ծառայելով ամեն օր ականատես եք, թե մարդիկ իրենց գործերը կտակով կարգադրելու սուրբ պարտքը որչափ են երևում մարդկային թեթևամտության օրինակները․․․ չեք կարծում, թե ես էլ այդ մասին ուրիշների պես անփույթ եմ։

Գլխովս նշան արեցի, թե չեմ կարծում։

― Ես թույլ չեմ տա, ― շարունակեց մր․ Սպընլոն, իր գլուխը կամաց շարժելով և մերթ ոտքի մատների, մերթ կրունկների վրա հենվելով՝ կարծես թե իր ջերմեռանդ նկատողությանը ավելի կշիռ տալու համար, ― չեմ հանդուրժի, որ իմ լուրջ կարգադրությունը զավակիս օգտին գեթ մազի չափ փոխվի մի տղայական հիմարության պատճառով։ Ձեր արածը հիմարություն է, մի անմիտ բան ― ուրիշ ոչինչ։ Այդ բոլորը փոքր֊ինչ հետո փետրից թեթև բան կերևա։ Սակայն կարող է պատահել․․․ եթե այս խենթությանը իսկույն ևեթ վերջ չտրվի, որ ես նեղն ընկնելով ստիպվեմ մի այնպիսի միջոց ընտրել, որ փրկեր իմ աղջկան ամուսնության հասնող հիմար քայլի հետևանքից։ Արդ հուսով եմ, մր․ Կոպպերֆիլդ, որ չեք հարկադրի ինձ բաց անել՝ նույնիսկ մի քառորդ, կենաց գրքի այս փակ էջը և անգամ մի քառորդ ժամով այլայլել արդեն վաղուց կարգի դրված մեծակշիռ գործերը։

Մր․ Սպընլոյի դեմքի վրա մի այնպիսի անդորություն, հանդարտություն, պայծառություն էր երևում, որ ես նրան նայելով բոլորովին հուզվեցի։ Նա այն աստիճան անվրդով ու խաղաղ էր․․․ իր գործերն այդպես ճշտիվ կարգի բերած ու սիստեմաբար կանոնավորած լինելուց․․․ որ կարծեմ ինքն էլ դրա մասին մտածելիս գորովվում էր։ Եթե չեմ սխալվում, ես տեսա մինչև անգամ, որ այդ անձնական երջանկության զգացման խորքից նրա աչքերի մեջ մի քանի արտասուք բարձրացան ու ցոլացին։

Սակայն ես ի՞նչ անեի։ Մի՞թե Դորայիս ուրանայի և սրտիս դավաճանը լինեի։ Մի՞թե կարող էի չընդունել մր․ Սպընլոյի առաջարկը՝ յոթ օր մտածելու իր ասած բաների վրա, թեև գիտեի, որ ոչ թե յոթ օր, այլ եթե հազար շաբաթ էլ մտածեմ, մի կաթիլ անգամ չի պակսի իմ սիրո պես ջերմ սիրուց։

― Մինչ այս, մինչ այն՝ խորհուրդ տեսեք միս Տրոտուդի և կամ մի ուրիշ կենսագետ ու փորձառու անձի հետ, ― ասաց մր․ Սպընլոն, իր օձիքն ուղղելով։ ― Մի շաբաթ ժամանակ ունեք, մր․ Կոպպերֆիլդ։

Հնազանդվեցի և տխուր դեմքով հեռացա, բայց հեռացա անվհատ ու անվվկանդ հուսահատությամբ։ Միս Մեորդստոնի ծանր հոնքերը մինչև դուռը հետևեցին ինձ ― հոնքերն եմ ասում, և ոչ աչքերը, որովհետև նրանք շատ ավելի խորհրդավոր էին նրա դեմքի վրա․ ― և նա այնպես դաժան նայեց վրաս, ինչպես նայում էր Բլենդրոտընի դահլիճում, ուր ես ամեն առավոտ ճնշված սրտով դաս էի ասում նրա առջև։ Նույն ճնշումը կարծես այժմ էլ զգալով, ակամա հիշեցի այն ատելի այբբենարանը, որի ձվաձև նկարները ակնոցից ընկած ապակու նման մի բան էին թվում մանկական մտքիս։

Գրասենյակը մտնելուս պես, իմ հեռավոր անկյունում նստեցի և ձեռքերով երեսս ծածկեցի ծեր Տիֆընի ու մյուս գրագիրների հայացքից։ Սկսեցի մտածել հանկարծահաս երկրաշարժի մասին, դառնապես անիծեցի անշահ Ջիպին և վշտակցելով Դորային, այն տեսակ զառանցանքի մեջ ընկա, որ ինքս էլ չգիտեմ, թե ինչպե՞ս իսկույն ևեթ գլխարկս չառա ու գժի պես դեպի Նորվուդ չշարժվեցի։ Դորային տանջում են, և ես այնտեղ չեմ, որ նրան սփոփեմ․․․ Այս մտքերի ազդեցության տակ գրիչս վերցրի և մր․ Սպընլոյին մի վայրենի նամակ գրեցի, աղաչելով չծանրացնել իր զավակի վրա իմ ահեղ ճակատագրի հետևանքները։ Պաղատեցի նաև՝ գթալ այդ քնքուշ ու դյուրաբեկ ծաղկին, և, որքան հիշում եմ, այնպիսի ոճեր բանեցրի, որ կարծես թե մր․ Սպընլոն Դորայի հայրը չլիներ, այլ մի հրեշ, մի չար գազան, մի վիշապ։ Կնքեցի նամակն ու նրա սեղանի վրա դրի, և երբ նա եկավ, դռան միջով լավ տեսա, որ նամակս վերցրեց ու կարդաց։

Մր․ Սպընլոն ամբողջ օրը չխոսեց, բայց երեկոյան դեմ, հեռանալուց առաջ, կանչեց ինձ և ասաց, թե զուր եմ մաշվում իր աղջկա վիճակի մասին։ Նա արդեն համոզել է աղջկան, որ այդ բոլորը խենթություն է, և այլևս նրան ասելու բան չունի։ «Կարծեմ ես ներողամիտ հայր եմ, ― ասաց նա, (և իրոք այդպես էր), ― և ուրեմն դուք ամենևին առիթ չունեք անհանգիստ լինելու այդ մասին»։

― Ձեր անմտության կամ համառության հետևանքը այն կլինի, մր․ Կոպպերֆիլդ, ― նկատեց մր․ Սպընլոն, ― որ ես կստիպվեմ աղջկանս դարձյալ մի քանի ամսով արտասահման ուղարկել․ սակայն ձեր մասին ավելի լավ կարծիք ունեմ և հուսով եմ, որ մի քանի օրից կզգաստանաք։ Գալով միս Մեորդստոնին (դրա մասին էլ ակնարկություն կար նամակիս մեջ), ես այդ լեդիի աչալուրջ հսկողությունը հարգում եմ և շնորհապարտ եմ նրան․ բայց և այնպես խիստ նրան հրամայել եմ, մր․ Կոպպերֆիլդ, որ այս բոլորը շուտով մոռացվի։ Ձեզ էլ, մր․ Կոպպերֆիլդ, ուրիշ բան չի մնում անել, բացի միայն մոռանալուց։

Միա՜յն։ Հեշտ է ասել։ Միևնույն օրը միս Միլսին գրված տոմսակի մեջ դառնությամբ հեգնեցի, թե ինձ ուրիշ բան չի մնում անել, քան միայն մոռանալ Դորային։ Միայն մոռանալ, ուրիշ ոչինչ։ Աղաչեցի միս Միլսին այդ երեկո տեսնել ինձ։ Եթե հնար չլիներ ինձ տեսնել մր․ Միլսի ներկայության պատճառով, խնդրեցի ժամադրություն նշանակել խոհանոցին կից սենյակում, ուր լվացքի տաշտն էր պահված։ Հայտնեցի նրան, թե գլուխս իր հիմքի վրա տատանվում է և միայն միս Միլսը կարող է փրկել նրան ընկնելու վտանգից։ Նամակն արագ ստորագրեցի և երբ, մի տղայի ձեռքով ուղարկելուց առաջ, մի անգամ էլ աչքի անցրի, տեսա որ ոճս մր․ Միկաբրի հայտնի ոճից ետ չի մնում։

Բայց և այնպես ուղարկեցի։ Երեկոյան դեմ միս Միլսի փողոցը գնացի և երկար ժամանակ նրա տան շուրջը պտույտ եկա, մինչև որ նրա սպասուհին ինձ նշմարեց և հետևի դռնով ներս տարավ։ Հետո միայն իմացա, որ կարելի էր և շքամուտքով ներս մտնել և կամ նույնիսկ հյուրասենյակում ընդունել, սակայն միս Միլսը սիրում էր ամեն մի խորհրդավոր ու ռոմանտիկ բան։

Խոհանոցն ընկնելուս պես, սկսեցի ինչպես որ պետք էր մոլեգնել․ ուրիշ բան անել չէի էլ կարող, որովհետև գնալուս նպատակն էլ հենց այդ էր։ Միս Միլսը մի շտապ գրված տոմս էր ստացել Դորայից, թե ամեն բան հայտնվել է։ Տոմսի վերջաբանն էր․ «Օ՜հ, Ջուլիա, եկ հասիր, օգնիր ինձ»։ Բայց միս Միլսը կասկած կրելով Դորայի տան մեծերից, չէր համարձակվել այնտեղ գնալ, և մենք բոլորս մոլորված էինք Սահարայի անապատում։

Միս Միլսը վերին աստիճանի ճարտարախոս էր և բառերի ազատ հոսանքից զմայլվող։ Չէի կարող չտեսնել, որ նա ինձ հետ լաց լինելիս մի կատարյալ վայելք էր զգում մեր վշտից։ Նա զգում էր այդ վիշտը՝ ասես թե ավելի ախորժելու համար դրանից։ Նրա ասելով՝ Դորայի ու իմ միջև մի ահագին վիհ էր բացվել, և միայն սերը կարող էր մի ծիածանի կամրջով կապել դրա հակառակ եզերքները։ Սիրո վիճակն է՝ համբերել և տանջվել այս աշխարհում, այդպես էր միշտ, միշտ էլ այդպես կլինի։ «Սակայն փույթ չէ», գեչեց միս Միլսը։ «Շղթայով կապված սիրող սրտերը մի օր անշուշտ կարձակվեն և այն ժամանակ սերն իր վրեժը կհանի»։

Մի շատ մխիթարական բան չէր դա․ բայց միս Միլսը մտադիր չէր սուտ հույսերով սփոփել ինձ։ Նրա խոսքերից ես ավելի թշվառացա, քան առաջ, և ամենաջերմ շնորհակալությամբ հայտնեցի, թե նա իրոք մի ճշմարիտ ընկեր է։ Մենք որոշեցինք, որ հետևյալ օրը նա Դորայի մոտ կգնա և մի հնար կգտնի՝ լեզվով, գրչով և կամ աչքով իմացնելու նրան, թե ես անհույս սիրուց մեռնում եմ։ Անտանելի վշտից ընկճված բաժանվեցինք, և հավատացած եմ, որ միս Միլսը շատ գոհ էր։

Տուն հասնելուն պես ես ամեն բան տատիս հայտնեցի և չնայելով նրա ամոքիչ խոսքերին, վհատված սրտով անկողին մտա։ Վհատ էր սիրտս և՛ առավոտյան զարթնելիս, վհատ էր և՛ դուրս գնալիս։ Շաբաթ օր էր․ գնացի ուղիղ Դոկտորների Համայնքը։ Երբ որ հասա, շատ զարմացա, տեսնելով դռան առջև սպասավորների մի խումբ, որոնք իրար հետ խոսում էին, և մի քանի դատարկ մարդիկ, որոնք ապուշ֊ապուշ նայում էին դեռ չբացված պատուհաններին։ Ես քայլերս փութացրի, նրանց միջով արագ անցա ու ներս մտա։

Գրագիրներն արդեն գրասենյակումն էին, բայց դեռ ոչ ոք գործ չէր սկսել։ Ծերունի Թիֆըն, մի ուրիշի աթոռն էր բռնել (կարծեմ առաջին անգամ իր կյանքում) և գլխարկը չէր կախել։

― Այս ինչ սարսափելի դժբախտություն է, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց նա, ինձ տեսնելով։

― Ի՞նչ, ― գոչեցի ես։ ― Ի՞նչ է պատահել։

― Մի՞թե չգիտեք, ― կանչեց Տիֆըն, և ամենքն ինձ շրջապատելով միևնույնը կրկնեցին։

― Ոինչ չգիտեմ, ― ասացի ես, մեկ֊մեկ նրանց նայելով։

― Մր․ Սպընլոն․․․ ― ասաց Թիֆըն։

― Ի՞նչ։

― Մեռել է։

Հենց իմանաս սենյակի պատերը գլխիս փուլ եկան․ ես տատանվեցի․ գրագիրներից մեկն ինձ բռնեց։ Ինձ նստեցրեց, փողպատս բացին ու ջուր տվին։ Որքա՜ն տևեց այդ բոլորը՝ չգիտեմ։

― Մեռե՞լ է, ― կրկնեցի ես։

― Երեկ քաղաքում ճաշել է և հետո ինքն է կառքը դեպի տուն քշել, հրամայելով կառապանին օմնիբուս նստել, ինչպես որ անում էր շատ անգամ․․․

― Հետո՞։

Կառքը դատարկ է տուն հասել։ Ձիերը կանգնել են ախոռի առջև։ Ձիապանը լապտերը բռնած դուրս է եկել։ Կառքում ոչ ոք չի եղել։

― Ձիերը երևի խրտնե՞լ են։

― Չեմ կարծում, ― ասաց Տիֆըն, ակնոցը հագնելով։ ― Ախոռի առջև կանգնելիս սովորականից ավելի տաք չեն եղել։ Երասանակները կտրված են եղել, երևի թե գետնով քարշ ածելուց։ Ամբողջ տունը ոտքի է ելել․ երեք հոգի շտապել են ճանապարհը խուզարկել։ Մարդուն գտել են տանից մեկ մղոն հեռու ընկած։

― Մեկ մղոնից ավելի հեռու, Թիֆը, ― ընդհատեց մի երիտասարդ։

― Կարելի է․․․ ― հաստատեց Թիֆըն։ ― Այո, մեկ մղոնից էլ փոքր֊ինչ հեռու, եկեղեցու մոտերքում․․․ ճանապարհի եզերքին երեսն էլ վայր տարածված։ Արդյոք կաթվածահա՞ր լինելուց է ընկել, թե ինքն է ներքև իջել տկարություն զգալով․․․ կամ թե արդյոք մեռա՞ծ է եղել, երբ նրան գտել են, թեև արդեն անղգա՝ ոչ ոք չգիտի։ Գուցե դեռ շունչը վրան է եղել, բայց ոչ մի բառ չի ասել։ Իսկույն կանչված բժիշկների օգությունը զուր է անցել։

Թե ինչ զգացի այդ գույժը լսելով՝ անկարող եմ նկարագրել։ Ամեն մարդ կհասկանա, թե ինչ տագնապ պիտի զգայի այն անակնկալ պատահարից, որի զոհի հետ դեռ փոքր֊ինչ առաջ վիճել էի։ Նրա սենյակի զարհուրելի ամայությունը, ուր աթոռն ու սեղանը կարծես դեռ իրեն էին սպասում․ դեռ երեկ գրած տողերը, որոնք ուրվականի պես պշնում էին վրաս․ նրան այդ տեղից բաժանելու անկարելիությունը․ կարծես թե ահա դուռը հանկարծ կբացվի ու նա ինքը անձամբ ներս կմտնի․ գրասենյակի տխուր ու խորը լռությունը, գրագիրների անհագուրդ շշնջյունն իրար հետ և մի նոր բան լսելու տենչով դրսի մարդկանց անդադար մուտքն ու ելքը․․․ այս բոլորը հասկանալի է յուրաքանչյուր մարդու համար, որ դժբախտություն է ունեցել մերձավոր կորցնելու։ Սակայն ինչ֊որ անկարող եմ հասկանալ և ըմբռնել, այդ այն թաքուն նախանձն է, որ զգում էի սրտիս խորքում մինչև անգամ դեպի մահը։ Զգում էի, իբր թե մահը Դորայի մտքից վռնդում է ինձ, և ես հոգիս տանջող նախանձ էի զգում դեպի Դորայի վիշտը։ Զայրույթս բորբոքվում էր մտածելիս, թե Դորան ուրիների առջև է լաց լինում, ուրիշներն են նրան սփոփում․․․ Եսամոլ տենչս էր՝ ամենքին հեռացնել նրա մոտից, անջատել նրան աշխարհից, մենակ իշխել նրա սրտին և այդ չարագետ րոպեին ամեն բան միայն ինձնով փոխարինել։

Մտքերս այս ալեծուփ դրության մեջ (որի մեջ հուսամ թե շատերն էլ գտնված կլինեն ինձ նման) ես երեկոյան Նորվուդ գնացի և սպասավորից իմացա, որ միս Միլսն այնտեղ է։ Տուն վերադառնալով նրան մի նամակ ուղարկեցի, որի հասցեն իմ խնդրանոք տատս գրեց։ Նամակիս մեջ ի բոլոր սրտե ողբում էի մր․ Սպընլոյի վաղահաս մահը և գրելիս արտասուք թափում։ Աղաչում էի նրան Դորային ասել, եթե միայն Դորան ականջ դնելու ընդունակ է, թե մր․ Սպընլոն միշտ բարությամբ ու գթությամբ էր ինձ հետ խոսել և թե իր աղջկան հիշելիս անհուն սիրով և առանց մի կշտամբական բառ ասելու նրա անունն արտասանել։ Գիտեի, որ այսպես գրելը եսականություն է իմ կողմից ― ես ուզում էի, որ անունս Դորայի առջև արտասանվի, բայց և աշխատում էի համոզել ինձ, թե արդարության պարտք եմ վճարում հանգուցյալի հիշատակին։ Եվ գուցե իրոք համոզված էի։

Հետևայլ օրը տատս մի երկտող պատասխան ստացավ՝ արտաքուստ իրեն ուղղած, ներքուստ՝ ինձ։ Դորան սաստիկ ընկճված է եղել, և երբ ընկերուհին նրան հարցրել է, թե արյոք իր կողմից էլ ողջյունի՞ ինձ, նա միայն լալով գոչել է․ «Օ՜հ, հայրիկ իմ, սիրելի հայրիկ»։ Բայց չի ասել ո՛չ, և այդ արդեն ինձ համար մի ահագին սփոփանք էր։

Մր․ Ջորկինսը, որ պատահարից ի վեր Նորվուդումն էր գտնվում, մի քանի օրից հետո Համայնք եկավ։ Նա ու Թիֆըն մի քանի րոպե առանձին մնացին գրասենյակում․ հետո Թիֆըն դռնից դուրս նայեց և ինձ ներս հրավիրեց։

― Օ՜, ― ասաց մր․ Ջորկինսը։ ― Ահա մր․ Թիֆըն ու ես, մր․ Կոպպերֆիլդ, հանգուցյալի գրասեղանը, գզրոցներն և ուրիշ պահարաններն ենք խուզարկում՝ նրա մասնավոր թղթերը կնքելու և կտակը գտնելու համար։ Սակայն կտակի հետքն էլ չկա։ Խնդրեմ դուք էլ օգնեցեք, մր․ Կոպպերֆիլդ։

Աղետալի դեպքից ի վեր սաստիկ փափագում էի գեթ վայր ի վերո իմանալ, թե Դորայի վիճակն ի՞նչ պիտի լիներ, ո՞վ պիտի լիներ նրա խնամակալը և այլն, և մր․ Ջորկինսի հրավերը շատ հաճելի էր ինձ համար։ Իսկույն սկսեցինք հետազոտել։ Մր Ջորկինսը գզրոցները բաց էր անում և մենք թղթերը դուրս հանելով, պաշտոնականները մի կողմ էինք դնում, մասնավորները՝ մյուս կողմ (վերջիններս շատ չէին)։ Շատ լուրջ էինք այս բոլորն անելիս, և երբ հանգուցյալին պատկանած որևէ կնիք, մատանի, մատիտ և կամ մի ուրիշ մանր բան պատահեր, շշունջով էինք իրար հետ խոսում։

Արդեն շատ ծրարներ էինք կապել և մեր փոշոտ զբաղմունքն անշտապ առաջ էինք տանում, երբ մր․ Ջորկինսն իր ընկերոջ մասին մի նկատողություն արեց իսկ և իսկ այն խոսքերով, ինչ խոսքեր որ հանգուցյալն էր բանեցնում նրա մասին ասելիս։

― Մր․ Սպընլոն այնպիսի մարդ չէր, որ հեշտ շեղվեր արդեն իր ընտրած արահետից։ Դուք հո գիտեք՝ ինչ մարդ էր։ Ես հակամետ եմ կարծելու, թե ոչ մի կտակ չի թողել։

― Հաստատ գիտեմ, որ թողել է, ― ասացի ես։

Երկուսն էլ կանգ առան ու աչքերը վրաս ուղղեցին։

― Հենց մեր վերջին տեսակցության օրը, ― շարունակեցի ես, ― մր․ Սպընլոն ինձ հայտնեց, թե կտակն արդեն գրել է և վաղուց իր գործերը կարգադրել է։

Մր․ Ջորկինսն ու ծերունի Թիֆըն գլուխները շարժեցին։

― Բարեգուշակ բան չէ դա, ― ասաց Թիֆըն։

― Բարեգուշակ չէ բնավ, ― ասաց մր․ Ջորկինսը։

― Դուք հարկավ չեք կասկածում, որ․․․ ― սկսեցի նորից։

― Սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց Թիֆըն և ձեռքն ուսիս դնելով, աչքերը գոցեց ու գլուխը թոթվեց։ ― Եթե դուք այնքան ծառայած լինեիք Դոկտորների Համայնքում, որքան ես եմ ծառայել, անթիվ փորձերով կիմանայիք, թե մարդիկ որ աստիճան թեթևամիտ են և անվստահելի այս տեսակ գործերում։

― Պատիվս վկա, ― գոչեցի ես, ― մր․ Սպընլոն էլ իսկ և իսկ այդ էր ասում։

― Ուրեմն էլ խոսելու բան չկա, ― նկատեց Թիֆըն։ ― Ես հավատացած եմ, որ ոչ մի կտակ էլ չի արել։

Այդ ինձ շատ զարմանալի երևաց, բայց փոքր֊ինչ հետո իրոք տեսանք, որ մեջտեղը կտակ չկա։ Մր․ Սպընլոն չէր էլ մտածել որևէ կտակ անելու․ այդ պարզ երևում էր թերթերից, ուր այդպիսի դիտավորության մի ուրվագիծ, մի ակնարկ, մի հետք անգամ չէր նշմարվում։ Այն հանգամանքն էլ զարմանալի էր, որ նրա անձնական գործերը վերին աստիճանի անկարգ էին։ Անչափ դժվար էր, ասացին ինձ, վերստուգել, թե նրա պարտքը որքա՞ն էր, ո՞ր մասն էր վճարել և կամ որքա՞ն դրամ ուներ։ Հավանական էր, որ տարիներ ի վեր ինքն էլ այդ մասին մի պարզ գաղափար չէր կազմել։ Հետզհետե հայտնի եղավ, որ հանգուցյալ պրոկտորը կամենալով Դոկտորների ազնվական Համայնքում փայլել, իր պաշտոնական եկամուտից ավելի էր ծախս արել և իր մասնավոր կայքն անգամ, որ երբեք շատ մեծ չէր եղել, բոլորովին քայքայել։ Երբ որ սկսեցին Նորվուդում եղած շարժական գույքը վաճառել, մր․ Թիֆըն առանց գուշակելու, թե ես որքա՞ն եմ հետաքրքրվում այդ բանով, հաղորդեց ինձ, որ եթե հանգուցյալի բոլոր պարտքերը վճարվեին ու նրա կողմից գրասենյակին հասանելի գումարները դուրս հանվեին, ― այնքան չնչին բան կմնա, որ նա, այսինքն՝ Թիֆըն, մի հազար ֆունտ էլ չի տա։

Այս բոլորը մոտավորապես վեց շաբաթից հետո պարզվեց։ Այդ միջոցին ես չարաչար տանջվում էի և պատրաստ էի մինչև անգամ բռնի վերջ տալ օրերիս, երբ մանավանդ լուր էի ստանում միս Միլսից, թե իմ անունը Դորայի առջև հիշելուն պես՝ Դորան ուրիշ բան չի ասում, բացի «Հայրրի՜կ իմ, օ՜հ հայրիկ»։ Միևնույն աղբյուրից իմացա, որ Դորան երկու հորաքույրից բացի ոչ մի ուրիշ ազգական չունի, որ երկուսն էլ կույս են, երկուսն էլ Պուտնիում միասին են ապրում և երկար տարիներից ի վեր եղբոր հետ հարաբերություն չեն ունեցել։ «Չեմ ասի, թե թշնամի էին իրար հետ (գրում էր ինձ միս Միլսը), սակայն որովհետև Դորայի մկրտության օրը մր․ Սպընլոն թեյի էր հրավիրել քույրերին, մինչդեռ նրանք սպասել էին, թե ճաշի հրավեր կստանան, ուստի նրանք դրանով հայտնում են եղբորը, թե «երկու կողմի շահերի համար լավ կհամարեն, տանը մնալ, և այն օրից քույրերն իրենց ճամփով են երկրի վրա ընթացել և եղբայրն էլ իր ճամփով։

Սակայն այժմ այդ երկու լեդիներն առանձնությունից դուրս էին եկել և Դորային առաջարկել, որ իրենց հետ Պուտնիում բնակվի։ Դորան էլ նրանց գիրկն էր ընկել ու գոչել․ «Այո՛, սիրելի հորաքույրներ, միս Միլսին էլ Պուտնի տարեք, ինձ էլ տարեք, Ջիպի՜ն էլ»։ Եվ թաղումից հետո բոլորն էլ քաշվել են Պուտնի։

Չեմ հասկանում, թե ինչպե՞ս էի ժամանակ գտնում Պուտնի գնալու, իրողությունը սակայն սա է, որ ես գրեթե ամեն օր քարշ էի գալիս այն կողմերում։ Միս Միլսն իր բարեկամական պարտքն ավելի ճիշտ կատարելու համար մի հիշատակարան էր գրում ու երբեմն֊երբեմն Համայնք գալով, ինձ կարդում և կամ թողնում, որ ես կարդամ, եթե ինքը ժամանակ չունենար։ Որքա՜ն թանկ էին ինձ համար այդ օրագրի հատվածները, որոնցից ահա մի օրինակ․

«Երկուշաբթի։ ― Սիրելի Դ․ դարձյալ տխուր ու վշտահար։ Սարսափելի գլխացավ։ ― Ուշք դարձրեց Ջ֊ի վրա, ասելով թե նրա մորթը փայլուն է։ ― Դ֊ն շոյեց Ջ֊ին։ ― Հիշատակներն արթնացան ու վշտերի սահանքը բացվեց։ ― Արտասուքի հեղեղ։ (Արտասուքը մեր սրտի ցողը չէ՞ արդյոք։ Ջ․ Մ։)

Երեքշաբթի։ ― Դ֊ն թույլ է ու գրգռված։ ― Թեև գունատ, բայց գեղեցիկ։ (Արդյոք նույնը լուսնի վրա էլ չե՞նք նկատում։ Ջ․ Մ։) ― Դ․ Ջ․ Մ․ և Զ․ կառքով զբոսնելու գնացին։ ― Ջ․ պատուհանից դուրս նայեց և սաստիկ հաչեց փողոցն ավլող բանվորի վրա։ ― Դ֊ի երեսին մի թեթև ժպիտ երևաց։ (Այպիսի չնչին օղակներից է կազմված կյանքի շղթան։ Ջ․ Մ։)

Չորեքշաբթի։ ― Դ֊ն համեմատաբար ավելի զվարթ է։ ― Երգեցի նրան սրտառուչ «Երեկոյան զանգակերը»։ ― Մի ամոքիչ ազդեցություն առաջ չեկավ, ընդհակառակն։ ― Դ֊ն անչափ հուզված է։ ― Փոքր֊ինչ հետո իր սենյակում արտասուքի մեջ ընկղմած։ ― Կարդացի նրան մի քանի ոտանանվոր , ուր աղջիկը վիթի հետ է համեմատած։ ― Ազդեցությունը չնչին։ ― Հիշատակեցի նաև համբերության արձանը շիրմի վրա։ (Հարց․ ինչո՞ւ հատկապես շիրմի վրա։ Ջ․ Մ։)

Հինգշաբթի։ ― Դ֊ն ակներև ուղղվում է։ ― Հանգիստ գիշեր։ ― Այտերի վրա վարդի գույն։ ― Որոշում եմ Կ֊ի անունը հիշատակել Դ֊ին։ ― Զգուշույամբ խոսք եմ բացում մեր զբոսանքի ժամանակ։ ― Նույն րոպեին Դ֊ն հուզված ու շփոթված։ ― «Օ՜հ, սիրելի, իմ սիրելի՜ Ջուլիա։ Օ՜հ, ես մի վատ, մի անհնազանդ զավակ էի»։ ― Հանգստացնում եմ նրան գգվելով, ― ներկայացնում եմ գերեզմանի շեմքին հասած Դ․ Կ֊ի իդեալական պատկերը։ ― Դ֊ն դարձյալ շատ է հուզված։ ― «Օ՜հ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ ես։ Օ՜հ, տարեք ինձ մի տեղ»։ ― Սաստիկ տագնապ։ ― Դ֊ն ուշաթափ։ ― Մի բաժակ ջուր պանդոկից։ (Բանաստեղծական համեմատությոն։ Պանդոկի դռան նշանակը խայտաճամուկ, մարդկային կյանքն էլ խայտաճամուկ։ Ավա՜ղ։ Ջ․ Մ։)

Ուրբաթ։ ― Արկածների օր։ Մի մարդ է գալիս խոհանոց, մի կապույտ պարկ շալակած, և ասում․ «Տվեք տիկնոջ կարկատելու մուճակները»։ «Կարկատելու մուճակներ այստեղ չկան», պատասխանում է սպասուհին։ Մարդը կրկնում է իր պահանջը։ Սպասուհին գնում է բանի էությունը իմանալու, թողնելով Ջ֊ին մարդու հետ։ Սպասուհին ետ է գալիս, մարդը դարձյալ իրենն է պնդում ու վերջապես հեռանում։ Ջ֊ի կորուստը։ ― Դ֊ն հուսահատ է։ ― Զեկուցում ոստիկանության։ ― Մարդու նշանները՝ ահագին քիթ, վիթխարի ոտքեր։ ― Ընդհանուր խուզարկություն։ Ջ֊ն չկա։ ― Դ֊ն սգավոր և անմխիթար։ ― Դարձյալ մի ակնարկ վիթի վրա՝ շատ ի դեպ, բայց ապարդյուն։ ― Երեկոյան դեմ մի անծանոթ պատանի ներս է կանչվում։ ― Քիթն ահագին, բայց ոտքերը ոչ վիթխարի։ ― Պահանջում է մի ֆունտ ստեռլինգ, ասելով թե շան տեղը գիտի։ ― Հազար պաղատանք՝ հայտնելու, թե շնիկը որտե՞ղ է, և ոչ մի պատասխան։ ― Դ֊ն վճարում է ստեռլինգը, և տղան սպասուհուն մի խրճիթ է տանում, ուր Ջ֊ն սեղանի ոտքին է կապված։ ― Դ֊ի ցնծությունը։ Ջ֊ի շուրջ թռչկոտելը, մինչդեռ Ջ֊ն ընթրում է։ ― Այս բարեգուշակ փոփոխությունով քաջալերված, վստահանում եմ Դ․ Կ֊ի անունը տալ վերևի հարկում։ ― Դ֊ի նոր լացն ու հեկեկանքը։ «Ախ, ո՛չ, ո՛չ։ Այժմ մեղք է մի ուրիշ բանի մասին մտածել, քան իմ թշվառ հայրիկիս»։ ― Համբուրում է Ջ֊ին ու լալով պառկում է քնելու։ (Պետք չէ՞ արդյոք Դ․ Կ֊ին՝ ժամանակի լայն թևերի վրա դնել իր հույսը։ Ջ․ Մ։)...

Միս Միլսը և իր օրագիրը իմ միակ սփոփանքն էին, այդ միջոցին։ Տենել նրան, որ նոր էր տեսել Դորային, գտնել այդ օրագրի յուրաքանչյուր երեսի վրա Դորայի անվան գլխատառը․․․ և դրանով ավելի սրտիս վերքը մորմոքել՝ դա էր միակ հաճույքս։ Ինձ թվում էր, թե մինչև այժմ մի թղթաշեն ապարանքի մեջ եմ ապրել, որ շառաչմամբ կործանվել է, միայն ինձ, ու միս Միլսին ավերակների միջև թողնելով։ Թվում էր, թե մի անգութ, չար կախարդ մի դյութական շրջան է գծել սրտիս անմեղ թագուհու շուրջը, և թե ես իրոք անկարող եմ ուրիշ կերպ հասնել նրան, եթե ոչ ժամանակի հզոր թևերի օգնությամբ, որոնք հազար ու հազար մարդկանց հասցրել են իրենց տենչալի նպատակին։






  1. Հասարակ անգլիացի ժողովրդի կարծիքով ծովում չի խեղդվի այն մարդը, որ մի մանկական շապիկ է կրում իր վզին իբրև հմայիչ կամ թալիսման։ ― Այս և հետևյալ ծանոթությունները թարգմանչինն են։
  2. Բեբուն կամ բեբուին ― կապկի տեսակ է․ հայերեն՝ շնագլուխ։
  3. Անգլիական հին սովորությամբ երեխայի ծնվելուց առաջ գնդասեղներ են ցցում բարձի մեջ, ասելով․ «Բարով եկար փոքրիկ հյուր», և կամ՝ «Աստված օրհնե երեխային»։
  4. Rook ― րուկ, անգլերեն նշանակում է որոր կամ ճայ (ագռավի մի տեսակ, իսկ Rookery, րուկրի կոչվում է որորների երամի բույնը, որ նրանք սովոր են հյուսել դարևոր դղյակների շուրջը կանգնած ծառերի վրա։ Անգլիացիք սիրում են այդ թռչուններին, որոնց բնակվելը ազնվական դղյակների մոտերքում սրանց հնության նշանն է համարվում։
  5. Կուկրի ― խոհանոց կամ խոհարարության արվեստ։
  6. Անգլերեն է ― նշանակում է՝ եմ, իսկ հեմ՝ ապուխտ։
  7. Hammock ― ճոճի նման անկողին
  8. Մեկ պենսի մեկ քարրորդ մասը
  9. Հաղարջից պատրաստված անուշ օղի կամ շարբաթ
  10. Steer ― ստիր՝ ղեկ։ Rudder ― րըդդր՝ նմանապես ղեկ
  11. Արքունի դատարանի բանտ, ուր փակում էին պարտատերերին։
  12. Տաք խմիչք, որ օղիով կամ էյլից, ձվից ու շաքարից է պատրաստվում։
  13. Այդպես է կոչվում Լոնդոնի կամրջի մոտերքում գտնվող աշտարակը, որ 1666 թ․ համաճարակ հրդեհի հիշատակին է կառուցված։
  14. Բանտ, որ1098 թ․ Ուիլլիամ Աշխարհակալն էր շինել տվել կղզու ըմբոստ բնակիչներին բանտարկելու համար։ Տաուըրի մեջ տառապել ու գլխատվել են բազմաթիվ պետական անձինք։ Այժմ մի ճոխ զինանոց է և թանգարան։
  15. Custom House ― մաքսատուն։
  16. Murderer ― մարդասպան։
  17. Quakers ― կոչվում են Ջորջ Ֆոքսի (1624-1691) կրոնական վարդապետության հետևորդները։ Նրանք իրենց «Քրիստոնեկան միության ընկեր» և «Լույսի զավակներ» են անվանում։ Ընդունում են բողոքական եկեղեցու էական ուսմունքը, սակայն ավելի նշանակություն են տալիս մարդու ընգաբույս ներքին լույսին, քան Ս․ Գրքի տառին։
  18. կարճ հագուստ
  19. Կարկանդակի տեսակ
  20. Փոքրիկ, գունդ ու կլոր ձիեր։
  21. Esguire ― ազատականների պատվանուն է, նշանակում է՝ զինակից։
  22. Մարգարտածաղիկ
  23. Այդ բառերն էին՝ մանե, թեկել, փարես ― լափեցի, կշռեցի, բաժանեցի։
  24. «Այդ անցավ, և ես նորից տղամարդ եմ։ ― Խնջույքի ժամանակ Բանկոյի ուրվականի հանկարծական երևումով զարհուրած՝ Մակբեթը այդ խոսքերն ասում է ստվերի անհետանալուց հետո։ Բանկոյին սպանել տվողը Մակբեթն էր։ (Մակբեթ, III արարված, չորրորդ տեսիլ)։
  25. Իքսիոնը մի առասպելական թեսալացի թագավոր է, որ աստվածների սեղանակից լինելու պատիվ ստանալով, սիրահարվել էր Հերայի վրա։ Այդ պատճառով Արամազդը գահավեժ ձգել էր նրան Տարտարոս, և օձերով կապել մի անվի, որը անդադար պտույտ էր գալիս բքաշունչ հողմից։
  26. Walker ― շրջիկ։
  27. Hook ― հուկ, ճանկ, կեռ, նմանապես՝ խաբեբա և խարդախ մարդ։ Հուկեյի ամբողջ կալվածքը ժառանգեցի ասելով, գաճաճը ուզում էր հասկացնել, թե պապի բոլոր չարահնար նենգությունը ժառանգել է։ Առհասարակ միս Մաուչրի լեզուն ճիշտ թարգմանելը շատ դժվար է կամ ավելի ճիշտ՝ անհնարին։
  28. Jockey ― ձիավաճառ, խաբեբա, նենգավոր
  29. Bob swore ― անգլերեն նշանակում է Բոբն երդվեց։ Միս Մաուչրը այս խոսքերը գործ է ածում ֆրանսերեն bonsoir֊ի տեղ, որ նշանակում է բարի երեկո։
  30. Դոկտորների համայնք է (Doctors commoms) կոչվում միջնադարյան հոգևորական ատյանների այն մասը, որ քաղաքային ու կանոնական օրենքների դոկտոր Հերվեյն էր հիմնել1768 թվականին։ Այս մասում քննվում էին թե՛ բուն եկեղեցական և թե՛ աշխարհիկ, նույնիսկ ծովային վարչության վերաբերյալ գործերը։ Դոկտորները բնակվում էին և միասին ճաշում Հերվեյի գնած ահագին շինության մեջ (ս․ Պողոս եկեղեցու մոտերքում)։ Համայնքի ավագ անդամն անպատճառ իրավաբանության դոկտոր պիտի լիներ, իսկ պրոկտրը կարող էր և չունենալ գիտնականի աստիճան։ Ինքը Դիքենսը մի ժամանակ ծառայել էր Դոկտորների Համայնքում։
  31. Էդուարդ անունով անգլիական թագավորներից վերջինը Էդուարդ Զ․֊ն էր(1537-1553)։
  32. Արդեն վերը նկատել ենք, որ Դոկտորների Համայնքը մի քանի առանձին ատյաններից է կազմված, որոնք են՝ ա) Court of Arches, բառացի թարգմանությամբ՝ կամարների ածյան․ դա լոկ հոգևորական գործերով է զբաղվում․ բ) Prerogative Court՝ արտոնյալ Ատյան, որ կտակների առթիվ ծագող դատերն է քննում․ գ) Consistory Court` Կոնսիստորի Ատյան, որը իսկապես Լոնդոնի արքեպիսկիպոսի դիվանն է և մյուս թեմական կոնսիստորներից ոչ մի բանով չի տարբերվում․ գ) Court of Admiralti` Ծովակալության ատյան, ծովային գործերը քննելու համար։ Այս դատարաններից յուրաքանչյուրն իր որոշ զբաղմունքն ունի, իր առանձին կանոններն ու կարգերը, սակայն որոշ օրերում Դոկտորների Համայնքի ավագ անդամներն ունենում են ընդհանուր ժողովներ՝ Common Hall of College. զանազան ատյաններից անցած ամենակարևոր դատական գործերը լուծելու համար։ Նիստը սովորաբար ընդհանուր կերուխումով է վերջանում, որին բոլոր անդամները մասնակցում են։
  33. articbol Clerk. այդպես են կոչվում անգլիական դատարաններում թոշակավոր պաշտոնի համար ընդունված մարդիկ։ Ծառայության մտնելիս նրանք վճարում են միանվագ պայմանավորված Premium, որը մենք ապահովագիր անվանեցինք։
  34. Esquire ― զինակիր, պարոն, տեր։ Այս պատվանունը տալիս են ասպետների, կոմսերի, բարոնների որդիներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, դատավորներին, անվանի գիտնականներին, կալվածատերերին և այլն։
  35. Peppermint ― օշինդր, անանուխ
  36. խերես
  37. Gipsy ― գնչու, բոշա, ցիգան։
  38. Friniti Masters ― այսպես են կոչվում դեռ 1515 թ․ հաստատված ընկերության անդամները, որոնց նպատակն է նավարկության արվեստը զարգացնել և մանավանդ փարոսները, խարիսխները և ուրիշ ծովային զգուշության միջոցները շատացնել
  39. Copperfull ― ջրով լի կաթսա
  40. Skittles ― կոնախաղ, կեգլի
  41. Լատիներեն է․ նախկին վիճակում։
  42. Անգլիական բանաստեղծ1340 ― 1400 թթ․
  43. Լոնդոնի նշանավոր փողոցներից մեկն է։
  44. Լոնդոնի ամենալավ փողոցներից մեկն էր։
  45. Մի տեսակ շարբաթ է՝ լիմոնի, շաքարի և օղիի խառնուրդ։
  46. Tower ― աշտարակ։ Այդպես է կոչվում Ուիլյամ աշխարհակալի 1028 թվին կառուցված բանտը, որ այժմ թանգարան է։
  47. The Woolsack ― այդպես է կոչվում Վերին Պալատի կարմիր բարձը, որի վրա լորդկանցլերն է նստում
  48. Punch ― խեղկատակ, փայտյա խամաճիկ