Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 6904 բայտ, 17:28, 1 Հունիսի 2015
/* IV */
Որքան ուզում էր թող կարծր լիներ հողը, որքան ուզում էր թող արևը թափեր նրանց վրա իր այրող շողերը, երբ փոցխելիս նրանք ծալում էին ծնկները, ուժերի անասելի լարումով ծռում էին իրենց մեջքերը ու մի պահ կանգ էին առնում, Սոոտիկինը Կլաասին էր դարձնում իր անուշ դեմքը, և Կլաասը համբուրում էր քնքուշ հոգու այլ հայելին, նրանք մոռանում էին ծանր հոգնածությունը։
 
 
===V===
 
 
Նախորդ օրը քաղաքապետարանի դռան առաջ մունետիկը հայտարարել էր, թե թագուհու՝ Կառլոս կայսեր կնոջ, հղի լինելու առթիվ պետք է աղոթքներ ասել նրա առաջիկա ազատման համար։
 
Կատլինը դողդողալով ներս մտավ Կլաասի տունը։
 
― Ի՞նչ է եղել, քեզ, կնքամա՛յր, ― հարցրեց նա։
 
― Ա՜խ, գոչեց նա, խոսելով կցկտուր, ― այս գիշեր ուրվականները հնձում էին մարդկանց, ինչպես գերանդավորները՝ խոտը։ Աղջիկներին ողջ֊ողջ թաղում էին, նրանց դիակների վրա պարում էր դահիճը․․․ ինն ամիս արյուն֊քրտինքի մեջ եղող քարը ճաքեց այս գիշեր։
 
― Գթա՛ մեզ, ― հեծեծաց Սոոտկինը, ― գթա՛ մեզ, տեր աստված, դա չար գուշակություն է Ֆլանդրիայի երկրի համար։
 
― Դու այդ քո աչքերո՞վ տեսար, թե երազում, ― հարցրեց Կլաասը։
 
― Իմ աչքերով, ― պատասխանեց Կատլինը։
 
Բոլորովին գունատ և լալաով Կատլինը շարունակեց․
 
― Երկու երեխա ծնվեցին, մեկը Իսպանիայում, դա ինֆանտ (արքայազն) Ֆիլիպն է, մյուսը Ֆլանդրիայում, դա Կաասի որդին է, որը հետո պիտի անվանվի Ուլենշպիգել։ Ֆիլիպը, կդառնա դահիճ, քանի որ սերել է Կառլոս Հինգերորդից, որը խմել է մեր արյունը։ Ուլենշպիգելը կդառնա ուրախ կատակների և երիտասարդական խոլ խաղերի մեծ վարպետ, բայց կունենա բարի սիրտ, քանի որ Կլաասի որդին է, այն քաջ աշխատավորի, որ գիտե արիությամբ, ազատությամբ և քաղցրությամբ վաստակել իր հացը։ Կառլոս կայսրը և Ֆիլիպ թագավորը անզուսպ կարշավեն կյանքի միջով և չարիք կգործեն պատերազմներով, կեղեքումներով և այլ ոճիրներով։ Կլաասը շաբաթն ամբողջ աշխատելով, ըստ օրինի և իրավունքի ապրելով ու իր ծանր աշխատանքների ժամանակ լալու փոխարեն ծիծաղելով՝ կդառնա Ֆլանդրիական ազնիվ աշխատավորների տիպար։ Ուլենշպիգելը՝ միշտ երիտասարդ, երբեք չի մեռնի և կշրջի աշխարհի վրա, առանց ոչ մի տեղ հաստատվելու։ Ու նա կդառնա ռամիկ, ազնվական, նկարիչ, քանդակող, բոլորը միասին։ Ու կթափառի աշխարհում՝ գովելով բարին ու գեղեցիկը, լիաթոք ծիծաղելով հիմարության վրա։ Կլաասը քո արիությունն է, ո՛վ Ֆլանդրիայի ժողովուրդ, Սոոտկինը՝ քո քաջասիրտ մայրը, Ուլենշպիգելը՝ քո ոգին․ մի գողտրիկ և քնքուշ աղջիկ, Ուլենշպիգելի ընկերուհին և նրա պես անմահ, կլինի քո սիրտը, և մի հաստափոր արարած՝ Լամմե Գոդզակը՝ քո ստամոքսը։ Վերևում կլինեն կեղեքիչները, ու երկնքում արյուն կհոսի Քրիստոսի վերքերից։
 
Այս ասելով քնեց Կատլինը, բարի կախարդուհին։
 
 
===VI===
 
 
Ուլենշպիգելին տարան կնքելու։ Հանկարծ թափվեց մի տեղատարափ և նրան մի լավ թրջեց։ Այսպիսով նա մկրտվեց առաջին անգամ։
 
Երբ նա մտավ եկեղեցի, ժամկոչ֊տիրացուն, նույն ինքը schoolmeester, այսինքն վարժապետը, ասաց կնքահորը և կնքամորը, հայրիկին ու մայրիկին, որ կանգնեն մկրտության ավազանի շուրջը․ այդպես էլ արին։
 
Բայց ավազանի վերևում կամարի վրա մի ծակ կար, որ բացել էր որմնադիրը ոսկեզօծ փայտե աստղից մի կանթեղ կախելու համար։ Որմնադիրը վերևից նկատելով կնքահորը և կնքամորը, որոնք դիք կանգնել էին կափարիչով ծածկված ավազանի մոտ, կամարի ծակից մի անաստված դույլ ջուր թափեց հենց նրանց գլխի վրայով ավազանի կափարիչի վրա։ Բայց Ուլենշպիգելին հասավ ամենամեծ բաժինը։ Այսպիսով նա մկրտվեց երկրորդ անգամ։
 
Ավագերեցը եկավ, բոլորը գանգատվեցին նրան, բայց նա ասաց, որ շտապեն, դա մի պատահմունքն է, ուրիշ ոչինչ։ Ուլենշպիգելը սաստիկ ճվում էր, անդադար շարժվում վրան թափած ջրի պատճառով։ Ավագերեցը աղեց նրան ու ջրով ցողեց և անունը դրեց Թիլբերթ, որը նշանակում է «շարժումներով հարուստ»։ Այսպիսով նա մկրտվեց երրորդ անգամ։
 
Եկեղեցուց դուրս գալով նրանք ուղիղ գնացին դիմացի Երկար փողոցը՝ «Շշերի վարդարան» կոչված գինետունը, որի ցուցանակը մի կուժ էր։ Այնտեղ նրանք խմեցին ավելի քան տասնյոթ գավաթ dobbel-kiuyt<ref>թունդ գարեջրի տեսակ։</ref> գարեջուր։ Որովհետև Ֆլանդրիայում ընդունված է թրջվածներին չորացնելու համար մարդու փորի մեջ գարեջրից խառույկ վառել։ Ուլենշպիգելն, ասյպիսով, մկրտվեց չորրորդ անգամ։
 
Տուն վերադառնալիս, ճանապարհին օրորվելով, գլուխներն ավելի ծանր, քան մարմինները՝ նրանք հասան մի ջրափոսի, որի վրայով մի փոքրիկ կամուրջ կար։ Կատլինը որպես կնքամայր տանում էր երեխային։ Նա սայթաքեց և ընկավ ցեխի մեջ Ուլենշպիգելի հետ միասին, որն այսպիսով, մկրտվեց հինգերորդ անգամ։
 
Բայց նրան հանեցին ջրափոսից և տանը լողացրին տաք ջրով, ու այդ եղավ նրա վեցերորդ մկրտությունը։
Ադմին, Վստահելի
1876
edits