Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 9958 բայտ, 04:14, 2 Հունիսի 2015
/* VI */
Բայց նրան հանեցին ջրափոսից և տանը լողացրին տաք ջրով, ու այդ եղավ նրա վեցերորդ մկրտությունը։
 
 
===VII===
 
 
Այդ օրը Նորին սրբազան վեհափառություն Կառլոսը վճռեց շքեղ հանդեսներ տալ ըստ արժանվույն տոնելու համար իր որդու ծնունդը։ Նա վճռեց, ինչպես Կլաասը, ձկնորսության երթալ, բայց ոչ թե ջրանցքը, այլ իր ժողովուրդների քսակների ու դրամապանակների մեջ։ Այդ ճանապարհով է, որ վեհափառության կարթերը քաշում են ոսկի կրուզատներ, արծաթ տալերներ, ոսկեդրամներ, և բոլոր այդ հրաշալի ձկները ձկնորսի կամքով փոխակերպվում են թավշյա շրջազգեստների, թանկագին գոհարների, ընտիր գինիների և համադամ խորտիկների։ Որովհետև ամենից ձկնառատ գետերը նրանք չեն, որ ամենից առատ ջուր կա։
 
Իր խորհրդականներին հրավիրելով՝ Նորին սուրբ վեհափառությունը վճռեց, որ ձկնորսությունը պետք է կատարվի հետևյալ ձևով․
 
Արքայազնին պետք է տանեին մկրտելու ժամը իննի կամ տասի մոտերը․ Վալյադոլիդի բնակիչները, իրենց մեծ ուրախությունը ցուցադրելու համար, ամբողջ գիշերը պետք է անցկացնեին խնջույքի և տոնախմբության մեջ՝ իրենց հաշվին, և Մեծ հրապարակի վրա պետք է շաղ տային իրենց դրամը աղքատների համար։
 
Հինգ քառուղիներում հինգ մեծ շատրվաններ ադադար գինի պիտի ցայտեին մինչև լուսաբաց՝ քաղաքի հաշվին։ Հինգ ուրիշ քառուղիներում փայտե պատվանդանների վրա դարսված պիտի լինեին ամեն տեսակ երշիկներ, ամեն տեսակ ձկնեղեն, եզան լեզու և այլ տեսակի մսեղեն՝ նույնպես քաղաքի ծախսով։
 
Վայլադոլիդցիները թափորի ճանապարհի վրա պետք է կառուցեին (իրենց հաշվին) մեծ թվով հաղթական կամարներ, որոնք ներկայացնում են Խաղաղությունը, Երջանկությունը, Առատությունն ու բարեհաջող Բախտը և երկնքի բոլոր այն շնորհները, որոնցով նրանց պարգևատրել են Նորին սուրբ վեհափառության իշխանության օրով։
 
Վերջապես բացի այդ խաղաղասիրական կամարներից, պետք է բարձրացվեին նաև մի քանի այլ կամարներ, որոնց վրա վառ գույներով պետք է նկարվեին նվազ հեզահամբյուր խորհրդանիշներ, ինչպես օրինակ՝ արծիվներ, առյուծներ, նիզակներ, տեգեր, գեղարդներ, բոցալեզու սուսերներ, հրացաններ, թնդանոթներ, հրասանդներ և այլ ռազմի գործիքներ, որոնք պատկերավոր կերպով ցույց են տալու Նորին սուրբ վահափառության ռազմական հզորությունը։
 
Ինչ վերաբերում է եկեղեցու լուսավորությանը, թույլատրվում էր մոմագործների համքարությյանը (գիլդիա) ձրիաբար պատրաստել ավելի քան քսան հազար մոմ, և թերայրուկները պետք է հատկացնեին խորհրդատանը։
 
Գալով մյուս ծախսերին, կայսրը հոժարությամբ իր վրա էր վերցնում դրանք, այդպիսով ցույց տալով իր բարի կամեցողությունը՝ իր ժողովուրդներին չափից ավելի չծանրաբեռնելու։
 
Մինչդեռ համայնքը արդեն պատրաստվում էր կատարելու այս հրամանները, Հռոմից ողբալի լուրեր եկան։ Կայսրի զորավարները՝ դ'Օրանժը, դ'Ալանսոնը և Ֆրունդսբերկը մտել էին սուրբ քաղաքը, ավերել ու կողոպտել էին եկեղեցիները, մատուռները և տները, չխնայելով ո՛չ ոքի՝ ո՛չ քահանաներին, ո՛չ կրոնավորուհիներին, ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին։ Սուրբ հայրը կալանավորված էր։ Մի շաբաթ էր, ինչ կողոպուտը չէր դադարում, և ռեյտարներն ու լանդսկնեխտները շրջում էի Հռոմի փողոցներում, ուտում, խմում, ջարդում, կոտրում էին՝ փնտրելով կարդինալներին և ասելով, թե կտրելու են նրանց մարմնի ավելորդ կաշին, որպեսզի զրկեն նրանց պապ դառնալու իրավունքից։<ref>Ակնարկ, որ որձատվածները չեն կարող պապ ընտրվել։</ref> Նրանք ովքեր արդեն կատարել էին այդ սպառնալիքը, հպարտ֊հպարտ զբոսնում էին քաղաքում, կրծքին կախում համրիչներ (տերողորմյաներ) քսանութ կամ ավելի հատիկից, ընկույզի չափ խոշոր և բոլորովին արյունոտ։ Մի քանի փողոցներ դարձել էին կարմիր վտակներ, ուր փռված էին սպանվածների մերկացված դիակները։
 
Ոմանք ասում էին, թե կայսրը դրամի կարիք ունենալով՝ ցանկացել էր այն որսալ հոգևորականության արյան մեջ և, լսելով, որ իր զորապետները կալանավորված քահանայապետին ստիպել են ստորագրել մի պայմանագիր, հարկադրեց նրան հանձնել իր պետության բոլոր ամրոցները, վճարել 400,000 դուկատ և մնալ բանտում, մինչև իր պայմանգիրը կատարվի։
 
Սակայն Նորին մեծության վիշտը մեծ լինելով, նա հրամայեց դադարեցնել ուրախության բոլոր պատրաստությունները, տոներն ու խնջույքները և կարգադրեց, որ իր պալատականները սուգի զգեստ հագնեն։
 
Ու արքայազնը մկրտվեց իր սպիտակ խանձարուրով, որ արքայական սուգի նշան է։ Այդ բանը պալատական տիկինները և պարոնները մեկնաբանեցին չարագուշակ։
 
Բայց և այնպես թագուհի մայրը արքայազնին ներկայացրեց արքունիքի իշխաններին ու տիկիններին, որպեսզի սրանք, ըստ սովորության, մաղթանքներ ու նվերներ տան նրան։
 
Տիկին դե լա Սենան նրա վզից կախեց ընկույզի մեծություն ունեցող և ոսկե պատյանի մեջ դրված մի սև քար, որ դեղ է թույնի դեմ։ Տիկին դե Շոֆադը մետաքսե թելով նրա փորի վրա կապեց մի արքայակաղին, որ օգնում է լավ մարսողության։ Պարոն Վան֊դեր Ստին ֆլանդրիացին ընծայեց Գենտի երշիկ, հինգ արմնկաչափ երկարությամբ և կես արմնկաչափ հաստությամբ՝ խոնարհաբար մաղթելով Նորին բարձրությանը, որ այդ երշիկի հոտն առնելիս անգամ նա խիստ ծարավ զգա clauwert֊ի,<ref>Գարեջրի տեսակ (ֆլամանդ)։</ref> այսինքն Գենտի ընտիր գարեջրի՝ ասելով, թե ով սիրում է մի քաղաքի գարեջուրը, չի կարող ատել նրա գարեջրագործներին։ Պարոն ախոռապետ Ժակ֊Քրիստափոր Կաստիլիացին խնդրեց արքայազնին կրել իր տոտիկներին կանաչ հասպիս, որպեսզի նրանք լավ վազեն։ Ծաղրածու Յան դը Պապեն, որն այնտեղ էր, ասաց․
 
― Պարոն, ավելի լավ է՝ տվեք նրան Հեսուի շեփորը, որի ձայնից ամբողջ քաղաքներ էին փախչում նրանից և գնում այլ տեղ հաստատվելու իրենց բոլոր բնակիչներով՝ տղամարդ, կին, երեխա։ Նորին բարձրությունը կարիք չունի վազել սովորելու, այլ՝ ուրիշներին վազեցնել տալու։
 
Զելանդիայի Վերե նահանգի նախկին իշխան Ֆլորիս վան Բորսելեի ողբացյալ այրին Փիլիպոս արքայազնին ընծայեց մի քար, որն, իր ասելով, տղամարդկանց սիրահար է դարձնում, իսկ կանանց անմխիթար։
 
Բայց ինֆանտը հորթի նման բառաչում էր։
 
Այդ ժամանակ Կլաասը ուռենու ոստերից հյուսված, բոժոժներով մի խաղալիք էր տալիս իր որդու ձեռքը և վեր֊վեր նետելով պարեցնում էր Ուլենշպիգելին՝ ասելով․ «Բոժոժներ, երանի միշտ ունենաս գդակիդ վրա զնկլզնկլ բոժոժներ․ չէ՞ որ խեղկատակներին է պատկանում լավ օրերի թագավորությունը»։
 
Եվ Ուլենշպիգելը ծիծաղում էր։
Ադմին, Վստահելի
1876
edits