Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 10 907 բայտ, 13:48, 6 Հունիսի 2015
/* XXXV */
Բոլորը միանգամից խոսելով՝ բղավեցին։
― Խոզաճարպով սիսեռ, տավարի, հորթի, ոչխարի, հավի մսից խորոված։ ― Ապուխտը հո շների համար չե՞ն պատրաստել։ Ո՞վ անցնելիս չի զգացել սև ու ճերմակ երշիկների հոտը և չի բռնել նրանց կոկորդից։ Ես տեսնում էի դրանք, ավա՜ղ, երբ իմ թշվառ աչքերը ծառայում էին ինձ, որպես ճրագ։ ― Ո՞ւր են Անդերլեխտի կարագով պատրաստված կարկանդակները։կարկանդակները։Նրանք երգում են փռան մեջ, հյութալի ճթճթան, և ուտելուց հետո արթնացնում են խմելու անհագ ցանկություն։ Ո՞վ կդնի առաջս ձվածեղով ապուխտ կամ ապուխտով ձվածեղ, որկորի բարեկամ այդ հարազատ եղբայրները։ ― Ո՞ւր են երկնային chousel֊ներ անմահական խորոված, հպարտ մսեղեն՝ երիկամունքի, աքլորակատարի, եզան պոչի, ոչքարի ոտքի մեջտեղ՝ խիստ համեմված սոխով, պղպեղով, մեխակով, մուշկով՝ բոլորն էլ իրենց գոլորշու մեջ եփած, և երեք գավ ճերմակ գինի, որպես սոուս։ ― Ո՞վ քեզ կբերի ինձ մոտ, աստվածային երշիկ խոզենի, որ այնքան համեղ ես, որ անխոս գնում ես կոկորդս ի վար։ Դուք բոլորդ, գալիս եք ուղիղ Լյուլեկերլանդից, երջանիկ դատարկապորտների, հավիտենական որկրամոլների յուղալի երկրից։ ― Բայց ո՞ւր եք դուք, անցյալ աշնան չորացած տերևնե՜ր։ ― Ես ուզում եմ բակլավյով խորոված ոչխարի ազդր։ ― Իսկ ես՝ խոզի ականջնե՜ր։ ― Ես տապակած կաքավների տերողորմյա, կտցարները թող լինեն նրա «Հայր մերը», իսկ գիրուկ աքլոր՝ նրա «Հավատամքը»։ Պանդոկապետը հանգիստ պատասխանեց․ ― Ձեզ կտամ վաթսուն ձվից ձվածեղ և մեր գդալներին որպես նշանաձող ճանապարացույց՝ հիսուն սև երշիկ՝ սյուների նման տնկված ուտելիքի այդ լեռան վրա, վրան էլ՝ թունդ գարեջուր գետի նման։ Խեղճ կույրերի բերանների ջուրը վազեց, և նրանք ասացին․ ― Բեր մեզ համար լեռը, սյուները և գետը։ Եվ «Գեր Մռութի» միաբանները ու նրանց տանտիկինները արդեն սեղան նստած Ուլենշպիգելի հետ՝ ասում էին, որ այդ օրը կույրերի համար անտեսանելի կերուխումի օր է, և խեղճ մարդիկ կորցնում են իրենց հաճույքի կեսը։ Երբ եկավ կարոսով և կոտեմով առատորեն համեմված ձվածեղը, որ բերում էին պանդոկապանը և չորս խոհարարներ, կույրերն ուզեցին հարձակվել նրա վրա և արդեն սկսել էին քչփորել այն, բայց պանդոկապանը, ոչ առանց դժվարության, հավասարապես բաժանեց և ամեն մեկի բաժինը դրեց նրա պնակի մեջ։ Աղեղնավոր կանայք հուզվեցին կարեկցությունից, երբ տեսան, թե ինչպիսի ագահությամբ նրանք խժռում էին, որովհետև սաստիկ քաղցած էին և երշիկները կլանում էին ոստրերի պես։ Dobbelpeterman թունդ գարեջուրը հոսում էր նրանց ստամոքսները, ինչպես բարձր լեռներից գահավիժող ջրվեժը։ Երբ մաքուր սրբեցին իրենց պնակները, նրանք այնուհետև պահանջեցին կարկանդակներ, տապակած թռչուններ։ Պանդոկապանը դրա փոխարեն մատուցեց մի մեծ ափսե եզի, հորթի և ոչխարի ոսկորներ, որոնք լողում էին առատ սոուսի մեջ։ Այս անգամ նա չբաժանեց կերակուրը։ Երբ կույրերը իրենց հացը և իրենց ձեռքերը մինչև արմունկը կոխեցին սոուսի մեջ և այնտեղից հանեցին միայն կողեր և ոսկորներ, նույնիսկ եզան մի քանի ծնոտներ, ամեն մեկը կարծեց, որ իր հարևանը կերել է ամբողջ միսը, ուստի նրանք սկսեցին կատաղորեն միմյանց քթին֊բերնին տալ իրենց ձեռքին բռնած ոսկորներով։ «Գեր Մռութի» միաբանները կուշտ ծիծաղելուց հետո գթությամբ իրենց համեղ կտորների մի մասը դրին խեղճ կույրերի պնակները, և երբ սրանք նրանց մեջ փնտրում էին ոսկորներ կռիվը շարունակելու համար, ոսկորի փոխարեն ձեռքները դնում էին տապակած հավի, մեկ կամ երկու արտույտի և մշահավի վրա։ Իսկ այդ ժամանակ տիկինները թեքում էին նրանց գլուխները դեպի ետ և Բրյուսելի ընտիր գինի լցնում նրանց կոկորդը, և երբ նրանք կույրերի ձևով շոշափում էին իրենց շուրջը իմանալու համար, թե որտեղից են գալիս ամբրոզի (աստվածային խմիչքի) այդ վտակները, բռնում էին միայն շրջազգեստից և ուզում էին քաշել դեպի իրենց։ Բայց նրանք ճարպկորեն ծլկում էին։ Ու այսպիսով կույրերը ծիծաղում էին, խմում, ուտում և երգում։ Ոմանք սիրուն տանտիկինների հոտն առնելով խելագարի նման վազվզում էին սրահում, սիրուց կախարդված, բայց խորամանկ աղջիկները խաբս էին տալիս և թաքնվելով «Գեր մռութի» մի վանականի հետևում, ասում էին նրանց․ «համբուրիր ինձ»։ Այդպես էլ անում էին, բայց կնոջ փոխարեն համբուրում էին տղամարդու մազոտ երեսը և ստանում բռունցի հարվածներ։ Երգեցին նաև «Գեր Մռութի» միաբանները, կույրերը ձայնակցեցին նրանց, իսկ ուրախ կանայք ու աղջիկները հրճվում էին՝ տեսնելով նրանց ուրախությունը։ Երբ անցան կերակուրի այդ քաղցր ժամերը, պանդոկապետն ասաց նրանց․ ― Լավ կերաք ու խմեցիք, հիմա վճարեցեք յոթ ֆլորին։ Ամեն մեկը երդվեց, որ քսակն իր մոտ չէ և մատնացույց արեց հարևանին։ Այդ հողի վրա ևս նրանց միջև կռիվ ծագեց, որի ընթացքում նրանք ջանում էին հարվածել միմյանց ոտքով, բռունցքով և գլխով, բայց չէին կարողանում և խփում էին, ինչպես պատահում էր, որովհետև «Գեր Մռութի» միաբանները բաժանում էին նրանց։ Ու հարվածները տեղում էին դատարկության մեջ, բացի մեկից, որը պատահմամբ դիպավ պանդոկապետի երեսին։ Սա չարացավ և սկսեց խուզարկել բոլորին, բայց նրանց մոտ գտավ միայն մի հին փորուրար, յոթ լիար, վարտիքի երեք կոճակ և տերողորմյաներ։ Նա վճռեց նետել նրանց խոզարանը և պահել այնտեղ միայն հացով ու ջրով՝ մինչև որ մեկը վճարի նրանց պարտքը։ ― Ուզո՞ւմ ես, որ ես երաշխավոր լինեմ նրանց համար, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Այո, ― պատասխանեց պանդոկապետը, ― պայմանով, որ մեկն էլ երաշխավոր լինի քեզ համար։ Միաբանները ցանկություն հայտնեցին երաշխավորելու, բայց Ուլենշպիգելը չթողեց՝ ասելով․ ― Ավագերեցը կլինի երաշխավորողը, ես գնում եմ նրա մոտ։ Խորհելով մեռելոց պատարագի մասին, Ուլենշպիգելն շտապեց ավագերեցի մոտ և նրան պատմեց, թե ինչպես «Շեփորի» պանդոկապետը դիվահարել է և շարունակ խոսում է խոզերի և կույրերի մասին, թե խոզերն ուտում են կույրերին, կույրերն ուտում են խոզերին՝ խորովածի և տապակածի զանազան ամբարիշտ ձևերով։ Դիվահարության այդ նոպաների ժամանակ պանդոկապետը, ասում էր նա, ամեն ինչ ջարդ ու փշուր է անում տան մեջ, և խնդրում էր գալ ու փրկել խեղճ մարդուն չար դևից։ Ավագերեցը խոստացավ գալ, բայց ասաց, որ իսկույն չի կարող, որովհետև այդ րոպեին ժամերգության հաշիվներն է նայում և աշխատում է պարզել իր օգուտը։ Տեսնելով, որ ավագերեցը չի շտապում, Ուլենշպիգելը նրան ասաց, որ վերադառնալու պանդոկապետի կնոջ հետ, և ավագերեցը անձամբ կարող է խոսել նրա հետ։ ― Եկեք երկուսով, ― ասաց ավագերեցը։ Ուլենշպիգելը վերդարձավ պանդոկապետի մոտ և նրան ասաց․ Ես տեսա ավագերեցին։ Նա կերաշխավորի կույրերի համար։ Դուք հսկեցեք նրանց, իսկ տիկինը թող ինձ հետ գա նրա մոտ, նա կկրկնի այն, ինչ ես ձեզ ասացի։ ― Գնա՛, կնի՛կ, ― ասաց պանդոկապետը։ Պանդոկապետի կինը Ուլենշպիգելի հետ միասին գնաց ավագերեցի մոտ, որը շարունակում էր հաշվել՝ իր օգուտը պարզելու համար։ Երբ տիկինը և Ուլենշպիգելը մտան նրա մոտ, նա ձեռքով մի անհամբեր շարժում արեց հեռանալու, ասելով․ ― Միամիտ կա՛ց, ես կգամ մարդուդ օգնության մեկ կամ երկու օրից։ Եվ Ուլենշպիգելը վերադառնալով դեպի «Շեփոր» պանդոկը, ինքն իրեն ասում էր․ «Նա կվճարի յոթ ֆլորինը և դա կլինի իմ առաջին մեռելոց պատարագը»։ Ու նա շտապ հեռացավ, և կույրերը՝ նմանապես։
Ադմին, Վստահելի
1876
edits