Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 19 625 բայտ, 19:04, 2 Հուլիսի 2015
/* IX */
Եվ նրանց ունեցվածքը ժառանգում էր արքան։
 
 
===X===
 
 
Անցնելով վալոնների երկրից՝ Ուլենշպիգելը տեսավ, որ իշխանն այդտեղից որևէ օգնություն ստանալու հույս չունի․ և այդպես նա հասավ Բույոն քաղաքին։
 
Նա տեսավ, որ ճանապարհի վրա քիչ֊քիչ սկսում են երևալ ամեն տարիքի, սեռի ու դրության կուզ մարդիկ։ Ամենքն էլ մի֊մի խոշոր վարդարան բռնած՝ երկյուղածությամբ հատիկներն էին համրում։
 
Նրանց աղոթքները նման էին երեկոյան շոգին լճակում վխտացող գորտերի կռկռոցին։
 
Կային կուզլիկ երեխաներ գրկած կուզիկ մայրեր, որոնց շրջազգեստից կախված էին նույն թուխսից ելած այլ փոքրիկներ։ Կուզիկներ էին երևում բլուրների վրա և դաշտավայրում։ Եվ ամենուրեք, ջինջ երկնքի ֆոնի վրա Ուլենշպիգելը տեսնում էր նրանց վտիտ ուրվագծերը։
 
Նա մոտեցավ նրանցից մեկին և ասաց․
 
― Ո՞ւր են գնում այս բոլոր խեղճ մարդիկ, կանայք ու երեխաներ։
 
― Գնում ենք սուրբ Ռըմակլի դամբարանը, ― պատասխանեց մարդը, ― աղոթելու նրան, որ մեզ տա մեր սրտի ցանկացածը, մեր կռնակից հանելով նվաստացման իր ծանրոցը։
 
― Իսկ սուրբ Ռըմակլը կարո՞ղ է տալ ինձ այն, ինչ իմ սիրտն է ուզում՝ հանել խեղճ համայնքների կռնակից արնախում դքսին, որ արճճե կուզի պես ճնշում է նրանց, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Նա ապաշխարության կուզերը հանելու պաշտոն չունի, ― պատասխանեց ուխտավորը։
 
― Իսկ մյուս կուզերը հանո՞ւմ է, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Այո, երբ կուզերը մատղաշ են։ Երբ այդ ժամանակ տեղի է ունենում բուժման հրաշքը մենք ամբողջ քաղաքով քեֆ ու կերուխում ենք անում։ Եվ ամեն մի ուխտավոր մի արծաթ դրամ էր տալիս, շատ հաճախ էլ ոսկե ֆլորին այն բախտավոր բուժվածին, որը հենց այս հրաշքով էլ դառնում է սուրբ և կարող է ազդու կերպով աղոթել ուրիշների համար։
 
― Իսկ ինչո՞ւ սուրբ Ռըմակլը թշվառական դեղագործի պես բուժման վճար է առնում, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Անբարի՛շտ ուղևոր, նա պատժում է սրբապիղծներին, ― պատասխանեց ուխտավորը՝ մոլեգնորեն ցնցելով իր կուզը։
 
― Ավա՜ղ, ― հեծեծեց Ուլենշպիգելը և կորացած ընկավ մի ծառի տակ։
 
Ուխտավորը զննելով նրան, ասաց․
 
― Սուրբ Ռըմակլը խիստ է հարվածում, նրա հարվածն անվրեպ է։
 
Ուլենշպիգելը կորացնում էր մեջքը, քորում այն և հեծեծում։
 
― Փառավորյա՜լ սուրբ, գթա՛ ինձ։ Պատիժս ստացա։ Ուսերիս միջև սաստիկ ցավ եմ զգում։ Վա՜յ ինձ, ավա՜ղ։ Ների՛ր, սո՛ւրբ Ռըմակլ։ Գնա՛, ո՜վ ուխտավոր, գնա՛, ինձ մենակ թող այստեղ, որպեսզի հայրասպանի պես լամ ու զղջամ։
 
Եվ ուխտավորը թողեց փախավ մինչև Բույոնի Մեծ հրապարակը, ուր հավաքվել էին բոլոր կուզիկները։
 
Այդտեղ, վախից ցնցվելով և կցկցտուր խոսելով, ասաց․
 
― Հանդիպեցի մի ուխտավորի՝ բարդենու պես ուղղաձիգ․․․ սրբապիղծ ուխտավորի․․․ մեջքի վրա կուզ բուսավ․․․ բորբոքո՜ւն կուզ։
 
Ուխտավորներն այս խոսքերը լսելուն պես ուրախության գոչյուններ արձակեցին։
 
― Ո՜վ սուրբ Ռըմակլ, եթե մարդկանց կուզ ես տալիս, ապա և կարող ես հանել։ Հանի՛ր մեր կուզերը, սո՛ւրբ Ռըմակլ։
 
Այդ միջոցին Ուլենշպիգելը հեռացավ իր ծառից։ Անցնելով ամայի արվարձանից՝ մի գինետան դռան ճակատին տեսավ խոզի երկու փուչիկ՝ ամրացված մի ցուպի, ճոճվելիս։ Դրանք այդպես ամրացրել էին ի նշան երշիկի ուխտագնացության տոնի՝ panch kermis֊ի, ինչպես Բրաբանտի երկրումն են ասում։
 
Ուլենշպիգելը վերցրեց այդ փուչիկներից մեկը, գետնին ընկած schol-ի մեջքի փուշը, արյունեց իրեն, ապա արյունը հոսեցրեց փուչիկի մեջ, փչեց, ուռցրեց, փակեց բերանը, դրեց իր կռնակին, վրայից էլ՝ schol֊ի մեջքի փուշը։ Այդպես անճոռնիացած, կուզ մեջքով, գլուխը երերացնելով և դողդոջուն ոտքերով, ինչպես մի ծեր կուզլիկ, գնաց հրապարակ։
 
Նրա ընկնելուն ականատես եղած ուխտավորը նկատեց նրան ու գոչեց․
 
― Ահա՛ անբարիշտը։
 
Եվ մատով ցույց տվեց նրան։ Ամենքն էլ վազեցին եկան պատժվածին տեսնելու։
 
Ուլենշպիգելը ողորմագին օրորում էր գլուխը։
 
― Ա՜խ, ― ասաց նա, ― ոչ ներման արժանի եմ, ոչ էլ կարեկցության․ տվեք, կատաղած շան պես սատկեցրեք ինձ։
 
Եվ կուզիկները ձեռքերը շփելով ասում էին․
 
― Մեկն էլ ավելացավ մեր եղբայրությանը։
 
Ուլենշպիգելը ատամների արանքից մռլտալով՝ «Ես դա ձեր պնչից կհանեմ, անպիտաննե՛ր», կարծես ամեն ինչ կրում էր համբերությամբ և ասում․
 
― Ոչ կուտեմ, ոչ կխմեմ, նույնիսկ փափուկ կուզս ամրացնելու համար, մինչև որ սուրբ Ռըմակլը չբուժի ինձ այնպիսի հրաշագործությամբ, ինչպես որ հարվածեց։
 
Հրաշքի լուրի վրա եկեղեցուց դուրս եկավ ավագերեցը։ Դա մի բարձրահասակ, վեհատեսիլ, տռզած մարդ էր։ Քիթը ցցած՝ նա նավի պես ճեղքեց կուզիկների ալիքը։
 
Ուլենշպիգելին ցույց տվին նրան։
 
― Այդ դո՞ւ ես, բարեկա՛մս, այն մարդը, որին հարվածել է սուրբ Ռըմակլի պատուհասը, ― հարցրեց նա։
 
― Այո, ավագերե՛ց հայր, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ Իրավ որ ես եմ նրա խոնարհ երկրպագողը, որ ուզում է բուժել իր նոր կուզը՝ եթե դա հաճո է նրան։
 
Ավագերեցն այդ խոսքերից ինչ֊որ չարամտության հոտ առնելով՝ ասաց․
 
― Մի թույլ տուր շոշափեմ այդ կուզը։
 
― Շոշափեցե՛ք, տե՛ր իմ, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Շոշափելուց հետո ավագերեցն ասաց․
 
― Բոլորովին նոր է և նույնիսկ թրջված։ Սակայն ես հույս ունեմ, որ սուրբ Ռըմակլը գթասիրտ կվարվի։ Հետևիր ինձ։
 
Ուլենշպիգելը հետևեց ավագերեցին ու մտավ եկեղեցին։ Կուզիկները հետևից ընկած աղաղակում էին․
 
― Սա՜ է անիծյալը, սա՜ է ամբարիշտը։ Ինչքա՞ն է քո նոր կուզի քաշը։ Տոպրակ չե՞ս շինի դրանից փողերդ մեջը լցնելու համար։ Ամբողջ կյանքիդ մեջ ծաղրել ես մեզ, քանի բոլորովին ուղղաձիգ էիր․ հիմա էլ մեր հերթն է։ Փա՜ռք սուրբ Ռըմակլին։
 
Ուլենշպիգելը ծպտուն չհանելով, գլուխը խոնարհած, ավագերեցի հետևից մտավ մի փոքրիկ մատուռ, որտեղ մի մարմարե դամբարան կար՝ մատուռի պատի միջև տարածությունը մի պարզված ձեռքի չափ էլ չկար։ Կուզիկ ուխտավորների բազմությունը իրար հետևից հերթով անցնում էր պատի և գերեզմանի սալաքարի արանքով և լուռ ու մունջ կուզը քսում էր այդ սալաքարին։ Նրանք հույս ունեին, որ այդպիսով կբուժվեն։ Եվ նրանք, որոնք քսում էին իրենց կուզը, ամենևին չէին ուզում տեղ տալ նրանց, որոնք դեռ չէին քսել, ուստի կռվում էին իրար հետ, բայց անաղմուկ, համարձակվելով խփել միայն ծածուկ հարվածներով, կուզի զարկերով՝ տեղի սրբությունից քաշվելով։
 
Ավագերեցն Ուլենշպիգելին հրամայեց բարձրանալ գերեզմանի սեղանի վրա, որպեսզի բոլոր ուխտավորները կարողանան տեսնել։ Ուլենշպիգելն ասաց, թե միայնակ չի կարող։
 
Ավագերեցն օգնեց նրան բարձրանալու, ինքն էլ կանգնեց նրա կողքին՝ հրամայելով չոքել։ Ուլենշպիգելը այդպես էլ արեց և մնաց այդ դիրքով, գլխահակ։
 
Այնժամ ավագերեցը մտքերն ամփոփեց և հնչեղ ձայնով սկսեց քարոզել․
 
― Որդյա՛կք և եղբա՛րք ի Հիսուս Քրիստոս, իմ ոտքերի մոտ դուք տեսնում եք մեծագույն ամբարշտությունը, անպիտան ու սրբապիղծ մի մարդու, որպիսին սուրբ Ռըմակլը երբևէ չէր հարվածել իր բարկությամբ։
 
Եվ Ուլենշպիգելը կուրծքը ծեծելով ասում էր․
 
― Confiteor:<ref>Խոստովանիմ (լատ)։</ref>
 
― Առաջ, ― շարունակեց ավագերեցը, ― նա գեղարդի կոթի պես ուղիղ էր և փառավորվում էր դրանով։ Այժմ տեսեք դրան՝ կզված ու կորացած է նա երկնային անեծքի հարվածից։
 
― Confiteor, հանի՛ր իմ կուզը, ― վրա բերեց Ուլնեշպիգելը։
 
― Այո, ― շարունակեց ավագերեցը, ― այո, մե՛ծ սուրբդ, սո՛ւրբ Ռըմակլ, որ քո փառահեղ մահվանից հետո երեսունինը հրաշք ես գործել, հանի՛ր սրա ուսերից այն բեռը, որ ճնշում է նրան։ Եվ իցի՜վ թե մենք կարենանք այդ առթիվ փառաբանել քեզ դարեդար՝ in saecula saeculorum: Եվ եղիցի խաղաղություն ի վերա երկրի՝ բարեմիտ կուզիկներին։
 
Եվ կուզիկները խմբով ասացին․
 
― Այո, այո, խաղաղություն ի վերա երկրի՝ բարեմիտ կուզերին․ խաղաղություն կուզիկներին, հանգիստ խեղյալներին, ներում նվաստացյալներին։ Հանի՛ր մեր կուզերը, ո՜վ սուրբ Ռըմակլ։
 
Ավագերեցը հրամայեց Ուլենշպիգելին իջնել դամբարանի վրայից և կուզը քսել սալաքարի եզրին։ Այդպես էլ արեց նա՝ շարունակ կրկնելով․ «Mea culpa onfiteor,<ref>մեղավոր եմ, խոստովանիմ (լատ․)։</ref> հանի՛ր իմ կուզը»։ Եվ շատ լավ էլ քսում էր՝ ի տես և ի գիտություն ներկաների։
 
Եվ ներկաները գոչում էին․
 
― Մի տեսե՜ք կուզը, նստում է, տեսե՜ք, իջնո՜ւմ է, աջ կողմից կհալչի։ ― Ոչ, կմտնի կրծքի մեջ, կուզերը չեն հալչում, իջնում են փորոտիքի մեջ և այդտեղից էլ դուրս են գալիս։ ― Ոչ, մտնում են ստամոքսը և դառնում են ութսուն օրվա սնունդ։
 
Դա սրբի նվերն է կուզից ազատվածներին։
 
Իսկ ո՞ւր են գնում հնացած կուզերը։
 
Հանկարծ բոլոր կուզիկները բարձրաձայն ճչացին, որովհետև Ուլենշպիգելը ուժգնորեն սեղմվելով գերեզմանի սալաքարի եզրին՝ պայթեցրեց իր կուզը։ Մեջը եղած ամբողջ արյունը դուրս եկավ և հոսելով բաճկոնակի վրայից՝ խոշոր կաթիլներով թափվեց սալաքարի վրա։ Այնժամ նա ուղղվեց և թևերը պարզելով՝ գոչեց․
 
Փրկվա՜ծ եմ։
 
Եվ բոլոր կուզիկներ միաբերան գոչեցին․
 
― Ո՜վ սուրբ Ռըմակլ, ո՜վ օրհնյալդ, քաղցր է հիմա նրա վիճակը, բայց դառն է մերը։ ― Հանի՛ր, հանի՛ր մեր կուզերը։ ― Մի հորթ կնվիրեմ ես քեզ։ ― Իսկ ես՝ յոթ ոչխար։ ― Ես էլ մի տարվա որսը։ ― Ես կտամ վեց խոզապուխտ։ ― Ես տնակս կտամ եկեղեցուն։ ― Հանի՜ր մեր կուզը, ո՜վ սուրբ Ռըմակլ։
 
Եվ նրանք նայում էին Ուլենշպիգելին նախանձով ու պատկառանքով։ Մի կուզիկ ուզեց շոշափել բաճկոնակի տակ, բայց ավագերեցն ընդիմիջեց․
 
― Այդտեղ կա մի այնպիսի վերք, որին լույս չպետք է դիպչի։
 
― Ես կաղոթեմ ձեզ համար, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Այո, ուխտավո՛ր եղբայր, ― ասացին բոլոր կուզիկները միասին, ― այո, պարո՛ն ուղղված, մենք ծաղրեցինք ձեզ, ներողամիտ եղեք, չէինք իմանում ինչ ենք անում։ Տերն մեր Հիսուս Քրիստոս ներեց խաչի վրա, դուք էլ մեզ ներում շնորհեցեք։
 
― Կներեմ, կներեմ, ― ասաց բայրացակամորեն Ուլենշպիգելը։
 
― Որ այդպես է՝ ընդունեցեք այս պատարը։ ― Առեք այս ֆլորինը։ ― Թույլ տվեք այս ռեալը նվիրել Ձերդ ուղղաձգությանը։ ― Ընդունեցեք այս կրուազատը։ ― Թույլ տվեք ձեր ձեռքը դնել այս կառոլուսը։
 
― Թաքցրեք ձեր կառոլուսները, ― կամացուկ ասաց նրանց Ուլենշպիգելը, ― որպեսզի ձեր ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է տալիս աջը։
 
Այդպես էր ասում նա ավագերեցի պատճառով, որն աչքերով ուտում էր կուզիկների տված դրամները՝ առանց նայելու, թե դրանք ոսկի են, թե արծաթ։
 
― Աստծու շնորհքին արժանանաս, ո՜վ սրբազանացած, ― ասում էին կուզիկները Ուլենշպիգելին։
 
Եվ նա պարծանքով ընդունում էր նրանց ընծաները, որպես հրաշագործ։
 
Բայց ժլատները քսում էին իրենց կուզը գերեզմանի սալաքարին, առանց որևէ բան ասելու։
 
Երեկոյան Ուլենշպիգելը գնաց պանդոկ և լավ կերուխում արեց։
 
Անկողին մտնելուց առաջ, մտածելով, որ ավագերեցը կուզենա, անշուշտ, ստանալ ավարի իր բաժինը, եթե ոչ ամբողջը, հաշվեց իր վաստակը, ուր ավելի շատ ոսկի գտավ, քան արծաթ, որովհետև ամենաքիչը երեք հարյուր կառլոս կար։ Նա նկատեց մի թաղար՝ մեջը չորացած դափնի․ բռնեց դափնու ճյուղերը, քաշեց և տունկը հողով միասին դուրս հանելով՝ ոսկին դրեց տակը, իսկ բոլոր կես ֆլորինները, պատարներն ու պատակոները փռեց սեղանի վրա։
 
Ավագերեցը մտավ պանդոկ և բարձրացավ Ուլենշպիգելի սենյակը։
 
Ուլենշպիգելը նրան տեսնելով ասաց․
 
― Հա՛յր սուրբ, ի՞նչ եք ուզում իմ չոր մարմնից։
 
― Միայն քո բարիքն եմ ուզում, որդյա՛կ իմ, ― պատասխանեց նա։
 
― Ավա՜ղ, ― հառաչեց Ուլենշպիգելը, ― չլինի՞ սեղանի վրա եղած բարիքի մասին եք խոսում։
 
― Հենց այդ է, ― վրա բերեց ավագերեցը և մեկնելով ձեռքը՝ սրբեց սեղանի ամբողջ դրամը և թափեց հատկապես դրա համար բերած տոպրակի մեջ։
 
Նա մի ֆլորին տվեց վշտացած ձևացող Ուլենշպիգելին և հարցրեց, թե որո՛նք են հրաշքի գործիքները։
 
Ուլենշպիգելը ցույց տվեց տափակաձկան ողնասյունը և փուչիկը։
 
Ավագերեցը վերցրեց դրանք, մինչդեռ Ուլենշպիգելը տրտնջում էր ու աղերսում նրան, որ բարեհաճի ավելի տալ՝ ասելով, թե ճանապարհը երկար է Բույոնից Դամմե իր նման խեղճ հետիոտնի համար և ճանապարհին անկասկած քաղցից կմեռնի։
 
Ավագերեցը առանց մի բառ ասելու թողեց գնաց։
 
Մենակ մնալով, Ուլենշպիգելը քնեց՝ աչքը դափնու վրա հառած։ Հաջորդ օրը լուսաբացին հավաքելով իր ավարը՝ դուրս եկավ Բույոնից, հասավ Լռակյացի ճամբարը, փողը հանձնեց նրան և պատմեց եղելությունը՝ ասելով, թե սա թշնամուց պատերազմական տուգանք առնելու իսկական ձևն է։
 
Եվ իշխանը տասը ֆլորին տվեց նրան։
 
Ինչ վերաբերում է տափակաձկան ոսկորին՝ ապա դա գոցվեց բյուրեղե տուփի մեջ և դրվեց Բույոնի եկեղեցու գլխավոր խորանի խաչի կենտրոնում։
 
Եվ քաղաքում ամեն ոք գիտե, որ խաչի վրա պահվում է ուղղված սրբապիղծի կուզը։
Ադմին, Վստահելի
1876
edits