«Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը»–ի խմբագրումների տարբերություն
(→VI) |
(→X) |
||
Տող 5682. | Տող 5682. | ||
Եվ այսպես, ազատության խոսքը լսվեց պապենական երկրի բոլոր կողմերից։ | Եվ այսպես, ազատության խոսքը լսվեց պապենական երկրի բոլոր կողմերից։ | ||
+ | |||
+ | |||
+ | ===XI=== | ||
+ | |||
+ | |||
+ | Ուլենշպիգելն ու Լամմեն հասան Բրյուգգե իրենց սայլակով, որը թողին մոտակա բակում, մտան Սուրբ Փրկչի եկեղեցին՝ փոխանակ գինետուն գնալու, որովհետև իրենց քսակում այլևս փողի ոչ մի ուրախ զրնգոց չկար։ | ||
+ | |||
+ | Հայր Կոռնելիոսը խոսում էր Քրիստոսի չարաչարանքի մասին։ Երբ նա հասավ սուրբ ավետարանի այն հատվածին, ուր հրեաները Հիսուսի վերաբերյալ աղաղակում են Պիղատոսին․ «Ի խաչ հան դրան, ի խաչ հան դրան, չէ՞ որ մենք օրենք ունենք, և այդ օրենքի համաձայն էլ նա պետք է մեռնի», հայր Կոռնելուսը գոչեց․ | ||
+ | |||
+ | «Հենց նոր դուք լսեցիք, բարի՛ մարդիկ, թե ինչպես տերն մեր Հիսուս Քրիստոս ենթարկվեց մի ահավոր ու ամոթաբեր մահվան, պատճառն այն է, որ հերետիկոսներին պատժելու համար միշտ էլ օրենք կա։ Նա դատապարտվեց հենց նրա համար, որ հնազանդ չէր եղել օրենքներին։ Հիմա էլ նրանք ուզում են բանի տեղ չդնել հրովարտակներն ու հրամանագրերը։ Ա՜խ, տե՜ր, Հիսուս, ի՞նչ անեծք ես ուզում թափել տալ այս երկրի վրա։ Պատվամեծար մա՛յր աստուծո, եթե Կառլոս կայսրը դեռ կենդանի լիներ և կարողանա՜ր տեսնել խայտառակությունը այդ ազնվական զինակիցների, որոնք համարձակվել են խնդրագիր ներկայացնել կառավարչուհուն՝ ընդդեմ ինկվիզիցիայի և հրովարտակների․ մինչդեռ այդ հրովարտակները այնպիսի բարի նպատակով են արված, այնքան հասունորեն են մտածված, հրամանագրված են այնքան երկար ու խոհեմ խարհրդածություններից հետո՝ բոլոր աղանդներն ու հերետիկոսությունները բնաջնջելու համար։ Իսկ նրանք կուզենայի՜ն առ ոչինչ դարձնել դրանք, որոնք հաց ու պանրից ավելի անհրաժեշտ բաներ են։ Ինչպիսի՜ գարշահոտ, նողկալի ու խայտառակ անդունդ, են ոզում գցել մեզ։ Լյութերը, այդ կեղտոտ Լյութերը, այդ կատաղած եզը հաղթանակում է Սաքսոնիայում, Բրաունշվեյգում, Լյունեբուրգում, Մեկլեմբուրգում։ Բրենտիոսը, Բրեյն<ref>Հաջող բառախաղ, bremeux ֆրանսերեն նշանակում է կղկղանքոտ մարդ։ Բրենտիոս անվանը տրված է գրեթե նույնահնչյուն մի ածական, ուստի և թողնում ենք նույնությամբ։</ref> Բրենտիոսը, որ ապրեց Գերմանիայում այնպիսի բալուտներով, որ խոզերն անգամ չէին ուտի, այդ Բրենտիոսը հաղթանակում է Վյուրթեմբերգում․ Սերվետ Լուսնոտը, երրորդապաշտ Սերվետը իշխում է Պոմերանիայում, Դանիայում ու Շվեդիայում, և այդտեղ էլ համարձակվում է նշանակել փառավոր, ամենազոր սուրբ երրորդությունը։ Այո։ Բայց ինձ ասացին, որ նա ողջ֊ողջ վառված է Կալվինի ձեռքով, մի մարդ, որի միակ լավ գործը այս է․ այո, գարշահոտ Կալվինի հրամանով, որից շարունակ թթվահոտ է գալիս, այո, ջրասամույրի պես երկար դնչով, պանրագույն երեսով, պարտիզպանի բահի նման երկար ատամներով այդ մարդու ձեռքով։ Այո, այդ գայլերն իրար միս են կրծում․ Լյութերը՝ այդ կատաղած եզը, Գերմանիայի իշխաններին զինեց անաբապտիստ Մյունցերի դեմ, որն ասում են, լավ մարդ էր և ապրում էր ըստ ավետարանի։ Եվ ամնողջ Գերմանիայում հնչեց այդ եզի բառաչը, այո՛։ | ||
+ | |||
+ | Այո, և ի՞նչ ենք տեսնում Ֆլանդրիայում, Գելդերնում, Ֆրիսլանդիայում, Հոլանդիայում, Զելանդիայում։ Ադամականները<ref>Այդ դարերում, իրոք, եղել է հագուստի գործածությունը ժխտող և նախնական պարզակեցության վերադառնալու ձգտող մի աղանդ՝ ադամականները, որոնց անունը վերցված է Ադամ նախահորից։</ref> բոլորովին մերկ վազում են փողոցներում, այո, բարի՛ մարդիկ, բոլորովին մերկ են դուրս գալիս փողոց և առանց ամաչելու ցույց տալիս անցորդներին իրենց վտիտ միսը։ Կարող եք ասել, որ միայն մեկն է այդպես արել․ այո, թող այդպես լինի, բայց մեկն արժե հարյուր, հարյուրն արժե մեկ։ Եվ նրան վառեցին, կասեք դուք, ողջ֊ողջ վառեցին՝ կալվինիստների ու լյութերականների աղոթքների տակ։ Գայլերը գզվռտում են իրար հետ, ասում եմ ձեզ։ | ||
+ | |||
+ | Այո, ուրեմն ի՞նչ ենք տեսնում Ֆլանդրիայում, Գելդերնում, Ֆրիսլանդիայում, Հոլանդիայում, Զելանդիայում։ Լիբերտինները<ref>Ռեֆորմացիայի շրջանում լիբերտին (անկաշկանդ ազատախոհ) անունն էին տալիս նրանց, ովքեր չէին ենթարկվում կրոնի կարգապահությանը։</ref> ուսուցանում են, որ ամեն մի ստրկություն հակասական է աստծու ասածին։ Խաբում եմ այդ գարշահոտ երետիկոսները․ պետք է ենթարկվել հռոմեական սուրբ եկեղեցուն։ Եվ այնտեղ, Անտվերպեն կոչեցյալ այդ անիծյալ քաղաքում՝ աշխարհի ամբողջ հերետիկոսության շնանոցում նրանք համարձակվել են քարոզել, թե մենք նշխարը շան ճրագուով ենք եփում։ Մի ուրիշն էլ, այն թշվառ մուրացկանը, որ փողոցի մի անկյունում նստում է միզամանի վրա, ասում է․ «Ոչ աստված կա, ոչ հավիտենական կյանք, ոչ մի մարմնի հարություն, ոչ էլ մշտնջենական դատապարտություն»։ «Կարելի է մկրտել, ― ասում է լացակումած ձայնով մի ուրիշը, ― առանց աղի, խոզաճարպի, լորձունքի, առանց երդվեցնելու ու մոմի»։ «Ոչ մի քավարան չկա», ― ասում է մի ուրիշը։ Լսո՞ւմ եք, բարի՛ մարդիկ, ոչ մի քավարան չկա» Վա՜խ, վա՜խ, ավելի լավ կլիներ, որ մեղք գործեիք ձեր մայրերի, ձեր քույրերի ու աղջիկների հետ, քան թե կասկածեիք քավարանի գոյության մասին։ | ||
+ | |||
+ | Այո, և նրանք քիթը տնկում են ինկվիզիտորի՝ այդ սուրբ մարդու առաջ, այո։ Նրանք, մոտ չորս հազար կալվինիստ, եկել են Բելեմ, որ հեռու չէ այստեղից, զինված մարդկանց հետ, դրոշներով ու թմբուկներով։ Այո։ Եվ այստեղից զգում եք նրանց խոհանոցի ծխահոտը։ Նրանք տիրացել են սուրբ Կաթոլիկ եկեղեցուն՝ պղծելու, անարգելու համար այն իրենց նզովյալ քարոզություններով։ | ||
+ | |||
+ | Այս ի՞նչ պիղծ ու խայտառակ հանդուրժողություն է։ Դժոխքի բաժին դառնաք, թուլամո՛րթ կաթոլիկներ, ինչո՞ւ համար դուք էլ զենք չեք վերցնում։ Դուք էլ, ինչպես այդ նզովյալ կալվինիստները, ունեք զրահ ու նիզակ, գեղարդ ու թուր, հրազեն ու դաշույն, մահակ ու տեգ, հրանետ ու ռմբանետ։ | ||
+ | |||
+ | Նրանք, կարող եք ասել, խաղաղասեր մարդիկ են․ ուզում են կատարյալ ազատությամբ ու անդորրությամբ լսել աստծու խոսքերը։ Միևնույն է․ դո՛ւրս եկեք Բրյուգգեից, մի վրա տվեք, քշեցեք, սպանեցեք այդ բոլոր կալվինիստներին, վռնդեցեք եկեղեցուց։ Ի՜նչ, դեռ չե՞ք մեկնել, թո՜ւ, հավ եք, հավ, որ վախից դողում եք ձեր զիբիլի վրա։ Ես արդեն տեսնում եմ այն րոպեն, երբ այդ անիծյալ կալվինիստները թմբուկ կզարնեն ձեր կանանց ու աղջիկների փորի վրա, և դուք ձեռքը ծալած կթողնեք, որ անեն, քուրջ ու խմորից շինված մարդիկ։ Մի՛ գնաք այդտեղ, մի գնաք․․․ Ձեր ոտնամանները կկեղտոտվեն կռվի ժամանակ։ Թո՜ւ, բրյուգգեցիներ, ամոթ ձեզ պես կաթոլիկներին։ Համա թե ի՜նչ կաթոլիկներ եք, վախկոտ կատուներ։ Ամո՜թ ձեզ, բադե՛ր ու սագեր, հա՛վ ու հնդուներ, ա՛յ, թե ինչ եք դուք։ | ||
+ | |||
+ | Մի՞թե պերճախոս քարոզիչներ չունեք դուք, որ բազմությամբ գնում եք լսելու նրանց զկռտած սուտերը, որ աղջիկները գիշերով գնում են լսելու գյոզորով ու գյուզուհիներով։ Այն օրը չորս հոգի, չորս խայտառակ անպիտան քարոզում էին եկեղեցու գերեզմանատանը։ Այդ անպիտաններից առաջինը՝ մի նիհար ու գունատ մարդ, այլանդակ մի ցռան՝ գլխին դրած էր մի կեղտոտ գլխարկ և այնքան էր քաշել ցած, որ ականջները չէին երևում։ Ո՞վ է ձեզանից տեսել այդ քարոզչի ականջները։ Նա անշապիկ էր, որովհետև մերկ բազուկները՝ առանց սպիտակեղենի, դուրս էին գալիս բաճկոնակի թևքերից։ Ես շատ լավ այդ տեսա, թեև նա ուզում էր ծածկվել մի փոքրիկ կեղտոտ թիկնոցով, շատ լավ տեսա նաև նրա սև, Անտվերպենի Աստվածածնի տաճարի զանգակատան պես լուսանցիկ, ծակոտկեն քաթանե վարտիքի մեջ բնական զանգակների ու զանգաձողի օրորվելը։ Մյուս անպիտանն էլ քարոզում էր բաճկոնակով և առանց ոտնամանի․ նրա ականջներն էլ ոչ ոք չտեսավ։ Եվ հանկարծ քարոզի միջոցին պապանձվեց մնաց, տղաներն ու աղջիկներն սկսեցին գոռգառալ ու ասել․ «Յո՜ւ, յո՜ւ, դասը չի՜ իմանում»։ Այդ խայտառակ անպիտաններից երրորդը դրել էր մի կեղտոտ գլխարկ, վրան էլ մի փոքրիկ փետուր տնկած։ Սրա ականջներն էլ չէին երևում։ Չորրորդ անպիտանը՝ Հերմանիուսը, որ մյուսներից ավելի լավ վրագլուխ ուներ, ըստ երևույթին երկու անգամ ցահճի ձեռքով խարանված էր ուսից, այո՛։ | ||
+ | |||
+ | Դրանք բոլորն էլ իրենց գլխարկի տակ կրում են ճենճոտ գլխանոցներ, որոնք և ծածկում են նրանց ականջները։ Երբևիցե այդ քարոզիչների ականջները տեսե՞լ եք։ Այդ անպիտաններից ո՞րն է համարձակվել ցույց տալ իր ականջները։ Ականջնե՜րը, ինչպե՜ս չէ, ցույց տան ականջները․ կտրե՜լ են, կտրե՛լ։ Այո, դահիճը բոլորի ականջներն էլ կտրել է։ | ||
+ | |||
+ | Եվ սակայն այդ խայտառակ անպիտանների, այդ դրամաշորթների, ձեռնածուների, իրենց գոգավոր նստարաններից փախած փինաչիների, այդ ցնցոտիավոր քարոզիչների շուրջն է ժողովուրդը հավաքվում ու գոչում․ «Կեցցեն գյոզոեըը», կարծես թե ամենքն էլ կատաղած, հարբած կամ գժված լինեն։ | ||
+ | |||
+ | Ա՜խ, ա՜խ, մեզ՝ խեղճ կաթոլիկներիս ուրիշ ոչինչ չի մնում անել, եթե ոչ հեռանալ Նիդեռլանդիայից, քանի որ թույլ եք տալիս այստեղ բոռալ֊կանչել․ «Կեցցե՜ն գյոզերը, կեցցե՜ն գյոզերը»։ Անեծքի ինչպիսի՜ երկնաքար է, ուրեմն, ընկել այդ կախարդված ու տխմար ժողովրդի գլխին․ ա՜խ, Հիսո՜ւս Քրիստոս։ Ամենայն տեղ հարուստ ու աղքատ, ազնվական ու ռամիկ, ահել ու ջահել, տղամարդ ու կին, ամենքն էլ գոչում են․ «Կեցցե՜ն գյոզերը»։ | ||
+ | |||
+ | Եվ ովքե՞ր են այդ բոլոր իշխան մարդիկ, այդ կաշվե շալվարավորները, որ Գերմանիայից են եկել մեզ մոտ։ Նրանց ամբողջ ունեցվածքը վատնվել է աղջիկների, մոլի խաղերի, լրբությունների, անառակությունների, շվայտությունների, անպիտան գործերի, խայտառակ նարդախաղի և պճնամոլության հաղթանակի վրա։ Նրանք մի ժանգոտ մեխ անգամ չունեն քերելու համար այն տեղը, ուր քորվում է։ Հիմա նրանց պետք է եկեղեցիների ու վանքերի ունեցվածքը։ | ||
+ | |||
+ | Եվ այնտեղ, իրենց խրախճանքի ժամանակ, որ տեղի է ունեցել այդ անպիտան Կուլեմբուրգի տանը, մյուս անպիտանի՝ Բրեդերոդեի հետ, նրանք փայտե գավերով են խմել՝ հարհամարհանս տյար Բեռլեյմոնի և տիկին կառավարչուհու։ Այո՛, նրանք էլ գոչել են․ «Կեցցեն գյոզերը»։ Ա՜խ, եթե ես աստված լինեի, այնպես կանեի, որ նրանց խմիչքը՝ գարեջուր թե գինի, հեռու ձեզնից, դառնար կեղտոտ ու զզվելի լվացքաջուր, այո, մի գարշահոտ, խայտառակ կեղտաջուր, որի մեջ լվանային իրենց շապիկնեերն ու ապականված անկողնաշորերը։ | ||
+ | |||
+ | Այո, զռացե՛ք, ավազակներ, զռացեք՝ «Կեցցե՜ն գյոզերը»։ Այո, ես մարգարե եմ։ Կտեսնեք, որ ամենայն անեծք, թշվառություն, տենդ, ժանտախտ, հրդեհ, ավերածություն, արհավիրք, վերք ու մահը, սև ցավ կթափվի Նիդեռլանդիայի վրա։ Այո, և այդպիսով աստված վրեժ կլուծի ձեր կեղտոտ «Կեցցե՜ն գյոզերը» զռոցի համար։ Եվ ձեր տներից քարը քարի վրա չի մնա, ոչ էլ մի կտոր ոսկոր ձեր անիծյալ ոտքերից, որոնք վազեցին այդ նզովյալ կալվինիստության ու քարոզչության հետևից։ Եվ այսպես եղիցի՛, եղիցի՛, եղիցի՛, ամե՛ն։ | ||
+ | |||
+ | ― Գնա՛նք, որդյակ, ― ասաց Ուլենշպիգելը Լամմեին։ | ||
+ | |||
+ | ― Իսկույն, ― վրա բերեց Լամմեն։ | ||
+ | |||
+ | Նա քարոզը լսող դեռահասակ ու գեղեցիկ բարեպաշտուհիների մեջ որոնեց, բայց չգտավ իր կնոջը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ===XII=== | ||
+ | |||
+ | |||
+ | Ուլենշպիգելը և Լամմեն հասան այն վայրը, որ կոչվում է Minnewater ― Սիրո ջուր․ բայց մեծ գիտնականներն ու ամենիմացները ասում են, որ Minnewater ― Մինորիտների ջուր պետք է լինի։ Ուլենշպիգելն ու Լամմեն նստեցին ջրի ափին և նայեցին, թե ինչպես սաղարթախիտ ծառերի տակով, որ նրանց վրա ասես ցածլիկ երկնակամար էին կազմում, անցնում են տղամարդիկ ու կանայք, ուղջիկներ և տղաներ՝ ձեռք֊ձեռքի տված, ծաղկեպսակ գլուխներին, քնքշանքով իրար աչքերի մեջ նայելով և իրենցից բացի աշխարհումս ոչինչ չտեսնելով։ | ||
+ | |||
+ | Ուլենշպիգելի աչքը Նելեին՝ դիտում էր նրանց։ Այդ թախծոտ հուշերի մեջ նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Գնանք խմենք։ | ||
+ | |||
+ | Սակայն Լամմեն չլսեց Ուլենշպիգելի ասածը և շարունակեց դիտել սիրահար զույգերին։ | ||
+ | |||
+ | Մի ժամանակ ես ու կինս նույնպես անցնում էինք ու սիրում իրար այն մարդկանց քթի առաջ, որոնք, ինչպես մենք ենք հիմա, անկնիկ, միայնակ պառկած փոսերի ջրեզրին, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Գնանք խմենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― մենք Յոթնյակը կգտնենք լիտրանոցի հատակում։ | ||
+ | |||
+ | ― Խմածի խոսք, ― պատասխանեց Լամմեն, ― դու գիտես, որ Յոթնյակը հսկաներ են ու սուրբ Փրկչի եկեղեցու բարձր առաստաղը նրանց համար ցածր կլինի։ | ||
+ | |||
+ | Ուլենշպիգելը տխրագին մտածելով Նելեի մասին, ինչպես նաև խորհելով, որ թերևս որևէ հյուրանոցում կգտնի փափուկ անկողին, համեղ ընթրիք ըդառաջող տիրուհի, կրկնեց․ | ||
+ | |||
+ | ― Գնա՛նք խմենք։ | ||
+ | |||
+ | Սակայն Լամմեն չէր լսում և նայելով Աստվածամոր տաճարի զանգակատանը՝ ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Ո՜վ սուրբ տիրամայր, օրինական սերերի պաշտպան կույս, շնորհ արա, որ մեկ էլ տեսնեմ նրա սպիտակ լանջը, իմ փափուկ բարձը։ | ||
+ | |||
+ | ― Գնանք խմենք, ― ասում էր Ուլենշպիգելը, ― կգտնես նրան որևէ գինետան մեջ՝ իր լանջը խմողներին ցույց տալիս։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս ես համարձակվում այդքան վատ կարծիք ունենալ մասին, ― առարկեց Լամմեն։ | ||
+ | |||
+ | ― Գնանք խմենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― նա անկասկած, որև է տեղ պանդոկապանուհի է։ | ||
+ | |||
+ | ― Ծարավ մարդու քարոզ, ― ասաց Լամմեն։ | ||
+ | |||
+ | ― Գուցե և խեղճ ճամփորդների համար հատկապես պահում է տավարի եփած միս, ոչ այնքան ճարպոտ, որի համեմունքները հաճելի բույր են տարածում օդում, փափլիկ, վարդի թերթիկների պես հյութալի, բարեկենդանի կիրակնավուր ձկների պես լող տալիս մեխակի, մշկընկույզի, աքլորակատարի, հորթի կրծքագեղձի և այլ երկնային համադամների միջև։ | ||
+ | |||
+ | ― Չարասի՛րտ, ― ասաց Լամմեն, ― անպայման ուզում ես ինձ մեռցնել։ Մի՞թե չգիտե՛ս, որ երկու օր է, ինչ ապրում ենք ցամաք հացով ու մի պուտ գարեջրով։ | ||
+ | |||
+ | ― Քաղցած մարդու քարոզ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Անոթությունից լաց ես լինում․ գնանք ուտենք ու խմենք։ Ես մի սիրուն կես ֆլորիննոց ունեմ, որով կվճարենք մեր կերուխումի արժեքը։ | ||
+ | |||
+ | Լամմեն ծիծաղում էր։ Նրանք գնացին վերցնելու իրենց սայլակը և այդպես անցան ամբողջ քաղաքով՝ որոնելով լավագույն պանդոկը։ Տեսնելով խստադեմ պանդոկապանների և նվազ գթասիրտ պանդոկապանուհիների բազմաթիվ դնչեր՝ շարունակեցին առաջ գնալ, մտծելով, որ թթու կերպարանքը լավ խոհանոցի վատ ցուցանակ է։ | ||
+ | |||
+ | Եվ այսպես հասան Շաբաթօրյա շուկան, մտան դե Blauwe Lanteern ― Կապույտ լապտեր կոչվող հյուրանոցը, որի տերը բարեմիտ տեսք ուներ։ | ||
+ | |||
+ | Գլորեցին սայլակը ծածկի տակ, ավանակին թողնելով որպես ընկեր առվույտի մի լավ խուրձ։ Ապա բերել տվին ընթրիքը, կուշտ կերան խմեցին, մի լավ քնեցին և վեր կացան նորից ուտելու համար։ Լամմեն պայթում էր հաճույքից և ասում․ | ||
+ | |||
+ | ― Երկնային երաժշտություն եմ լսում իմ ստամոքսից։ | ||
+ | |||
+ | Երբ եկավ վճարելու րոպեն՝ պանդոկապանը մոտեցավ Լամմեին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ընդամենը տասը պատար։ | ||
+ | |||
+ | ― Նրանից ստացեք, ― ասաց Լամմեն՝ ցույց տալով Ուլենշպիգելին, որ պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Չունեմ ոչ մի պատար։ | ||
+ | |||
+ | ― Հապա կես ֆլորիննո՞ցը։ | ||
+ | |||
+ | ― Չունեմ։ | ||
+ | |||
+ | ― Լա՜վ եք խոսում, ― ասաց պանդոկապանը, ― հիմա ես կհանեմ ձեր բաճկոնակներն ու շապիկը։ | ||
+ | |||
+ | Հանկարծ Լամմեն կատարը տաքանալուց քաջացած գոչեց․ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե ես ուտել֊խմել եմ ուզում, հը՞, խմել֊ուտել եմ ուզում, թեկուզ քսանյոթ ֆլորինի և է՛լ ավելի՝ կխմեմ, այո։ Չլինի՞ կարծում ես, որ քո փողը այս պատվական փորիցս ավելի արժի։ Փա՜ռք աստծու, մինչև օրս դրախտահավով է սնվել նա։ Այսպիսի փոր երբեք դու չես կրել քո ճենճոտ կաշե գոտու տակ, որովհետև որպես չնչին մարդ՝ քո ճրագուն բաճկոնակիդ օձիքի վրա ես կրում, և ոչ թե ինձ պես՝ երեք մատնաչափ համեղ ճարպ փորիս վրա։ | ||
+ | |||
+ | Պանդոկապանը սաստիկ կատաղել էր։ Ի բնե թլվատ՝ ուզում էր արագ խոսել, բայց որքան ավելի էր շտապում, այնքան ավելի էր ջրից դուրս եկած շան նման փռշտում։ Ուլենշպիգելը հացի գնդիկներ էր խփում նրա քթին, իսկ Լամմեն է՛լ ավելի ոգևորվելով ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Այո, ես այնքան բան ունեմ, որ կարողանամ վճարել քո երեք լղարիկ հավերի, չորս քոսոտ վառեկների և այդ հիմար սիրամարգի համար, որ կեղտոտ պոչն առած ման է գալիս հավանոցում։ Եվ եթե քո մորթը պառավ աքլորի մաշկից ավելի չոր չլիներ, եթե ոսկորներդ փոշու պես չթափվեին կրծքիդ մեջ՝ ես կարողություն կունենայի ուտելու քեզ էլ, քո խլնքոտ ծառային էլ, միակնանի սպասուհուդ էլ, խոհարարիդ էլ, որը եթե քոս ունենար, թևերը խիստ կարճ կլինեին մարմինը քորելու համար։ | ||
+ | |||
+ | ― Մի սրան տես, ― շարունակում էր նա, ― այս սիրուն թռչնիկին տես․ կես ֆլորինի համար ուզում է մեր բաճկոնակն ու շապիկը հանել։ Մի ասա, տեսնեմ, քանի արժե քո հանդերձարանը, աներե՛ս քրչոտ․ ես երեք լիար կտամ դրան։ | ||
+ | |||
+ | Բայց պանդոկապանը հետզհետե ավելի մոլեգնելով՝ ավելի սաստիկ էր փրփրում և փնչում։ | ||
+ | |||
+ | Իսկ Ուլենշպիգելը հացի գնդիկներ էր խփում նրա դեմքին։ | ||
+ | |||
+ | Լամմեն առյուծ կտրած՝ շարունակում էր․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես կարծում, չորացած դունչ, քանի՞ կարժենա գեղեցիկ էշը՝ նուրբ դնչիկով, երկար ականջներով, լայն կրծքով, երկաթի պես ամուր սրունքներով։ Ամենաքիչը տասնութ ֆլորին, այնպես չէ՞, կճուճների թագավոր։ Քանի՞ հատ փտած մեխ ունես սնդուկներիդ մեջ՝ այդպիսի մի գեղեցիկ անասունի գինը վճարելու համար։ | ||
+ | |||
+ | Պանդոկապանն է՛լ ավելի էր փնչում, բայց չէ՛ր համարձակվում շարժվել։ Լամմեն շարունակում էր․ | ||
+ | |||
+ | ― Քո կարծիքով որքա՞ն կարժենա մի գեղեցիկ հացենուց շինված սայլակը՝ շիկակարմիր ներկված, Կուրտրեի կտավե ծածկույթը վրան՝ արևից ու տեղատարափներից պաշտպանվելու համար։ Ամենաքիչը քսանչորս ֆլորին, չէ՞։ Հիմա ասա՝ քսանչորս ու տասնութ ինչքա՞ն կանի։ Ասա՛, անգրագետ բորոտ։ Եվ քանի որ այսօր տոնավաճառի օր է և քո չնչին պանդոկում գյուղացիներ կան՝ հենց հիմա կգնամ ու կծախեմ նրանց։ | ||
+ | |||
+ | Եվ այդպես էլ արավ, որովհետև ամենքն էլ ճանաչում էին Լամմեին։ Եվ իսկապես էլ, իր սայլակի ու էշի համար ստացավ քառասունչորս ֆլորին և տասը պատար։ Այնժամ ոսկիները զնգզնգացնելով պանդոկապանի քթի տակ՝ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Գալիք քեֆերի և կերուխումի հոտն առնո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― պատասխանեց պանդոկապանը, ապա կամացուկ ավելացրեց, ― իսկ երբ մորթդ ծախես՝ մի լիարի կգնեմ ու նրանից թալիսման կշինեմ շռայլության դեմ։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին մի գողտրիկ, անուշիկ կին, որ մութ բակումն էր, մի քանի անգամ մոտեցել էր պատուհանին ու նայել Լամմեին, ամեն անգամ, երբ Լամմեն կարող էր տեսնել նրա սիրունիկ դնչիկը՝ նա տափ էր կենում։ | ||
+ | |||
+ | Երեկոյան, սանդուղքի վրա, երբ Լամմեն մթության մեջ վեր էր բարձրանում և խմած գինու պատճառով օրորվում էր, զգաց, որ մի կին փաթաթվեց իրեն, համբուրեց այտերը, բերանը, նույնիսկ քիթը՝ անհագորեն, թրջելով նրա դեմքը սիրաբուխ արցունքներով, ապա անհետացավ։ | ||
+ | |||
+ | Լամմեն, որ խմիչքի պատճառով թմրած էր, պառկեց և քնեց, իսկ հաջորդ օրը Ուլենշպիգելի հետ հասավ Գենտ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ===XIII=== | ||
+ | |||
+ | |||
+ | Այդտեղ նա իր կնոջը փնտրեց բոլոր kaberdoesj-ներում, կազինոներում և գինետներում, իսկ երեկոյան գալիս էր Ուլենշպիգելին գտնելու in de Zigende Zwaan ― Երգեցիկ Կարապ պանդոկում։ Ուլենշպիգելը թափառում էր ամենուրեք՝ տագնապ սփռելու և ժողովրդին ոտքի հանելու հայրենի երկրի դահիճների դեմ։ | ||
+ | |||
+ | Մի անգամ Ուրբաթօրյա շուկայում, Dulle Gret<ref>Խենթ Գրետա (ֆլամանդ․)</ref>֊ի՝ Մեծ թնդանոթի մոտ Ուլենշպիգելը երեսնիվայր պառկեց սալահատակի վրա։ | ||
+ | |||
+ | Մի ածխավաճառ մոտեցավ նրան ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես անում այդտեղ։ | ||
+ | |||
+ | ― Քիթս եմ թրջում, որ իմանամ, թե ո՛րտեղից է փչում քամին, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ | ||
+ | |||
+ | Մոտեցավ մի կահագործ։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ է, սալահատակը ներքնակի տե՞ղ ես ընդունել։ | ||
+ | |||
+ | ― Կան այնպիսիսներ էլ, որ շուտով դա կընդունեն որպես վերմակ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ | ||
+ | |||
+ | Կանգ առավ մի վանական։ | ||
+ | |||
+ | ― Այդ ավանակն ի՞նչ է անում այդտեղ, ― հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Բերանքսիվայր խնդրում է ձեր օրհնությունը, տե՛ր հայր, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ | ||
+ | |||
+ | Վանականն օրհնեց նրան ու գնաց։ | ||
+ | |||
+ | Այնժամ Ուլենշպիգելը՝ ականջը գետնին պառկեց։ Մոտեցավ մի գյուղացի և հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Աղմուկ լսո՞ւմ ես տակից։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― լսում եմ, թե ինչպես են աճում ծառերը, որոնց խռիվների վրա պիտի վառվեն խեղճ հերետիկոսները։ | ||
+ | |||
+ | ― Ուրիշ բան էլ չե՞ս լսում, ― հարցրեց համայնքի մի ոստիկան։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, ― ասաց Ուլենշպիգելը, ― Իսպանիայից եկող ժանդարմերիայի ոտնաձայնը․ եթե թաքցնելու որևէ բան ունես՝ թաղիր հողի տակ, որովհետև շուտով քաղաքները գողերի պատճառով այլևս ապահով չեն լինի։ | ||
+ | |||
+ | ― Գիժ է, ― ասաց համայնքի ոստիկանը։ | ||
+ | |||
+ | ― Գիժ է, ― կրկնեցին քաղաքացիները։ | ||
+ | |||
+ | |||
+ | ===XIV=== | ||
+ | |||
+ | |||
+ | Սակայն Լամմեն այլևս բան չէր ուտում ու շարունակ մտածում էր Blauwe Lanteern֊նի սանդուղքի վրա պատահած քաղցր անուրջի մասին։ Նա ամբողջ սրտով ձգտում էր դեպի Բրյուգգե, բայց Ուլենշպիգելը բռնի նրան տարավ Անտվերպեն, ուր նա շարունակեց իր ապարդյուն որոնումները։ | ||
+ | |||
+ | Ուլենշպիգելը նստում էր պանդոկներում՝ ռեֆորմացիան ընդունած բարի ֆլամանդցիների, նույնիսկ ազատության բարեկամ կաթոլիկների հետ և սկսում խոսել հրովարտակների մասին․ «Նրանք այստեղ էլ ինկվզիցիա են բերում՝ մեզ հերետիկոսությունից մաքրելու պատրվակով․ բայց այդ խավարծիլը<ref>Խավարծիլ կամ գարծիլ՝ թթու֊քաղցրահամ բույս, որի արմատներից լուծողական է պատրաստվում։</ref> մեր քսակները մաքրելուն է ծառայելու։ Մենք սիրում ենք բուժման ենթարկվել միայն այն ժամանակ, երբ այդ բուժումը հաճելի է մեզ․ մենք էլ կբարկանանք, կապստամբենք, զենքի կդիմենք։ Թագավորն այդ նախօրոք գիտե։ Տեսնելով, որ մենք խավարծիլ չենք ուզում՝ նա մեջտեղ կբերի գրեխիկներ,<ref>Գրեխիկ կամ հոգնա ― ստամոքսը մաքրելու հարմարանք։</ref> այսինքն մեծ ու փոքր թնդանոթները՝ հրահարներ և լայներախ ռմբանետներ։ Արքայակա՜ն փորամաքրում։ Այդ ձևով բուժված Ֆլանդրիայում այլևս ոչ մի հարուստ ֆլանդրիացի չի մնա։ Մեր երկրի աչքը լույս, որ այդպիսի արքայական բժիշկ ունի»։ | ||
+ | |||
+ | Եվ քաղաքացիները ծիծաղում էին։ | ||
+ | |||
+ | Իսկ Ուլենշպիգելն ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Այսօր ծիծաղեցեք, միայն թե փախեք կամ զինվեք այն օրը, երբ Աստվածածնի տաճարում մի որևէ բան ջարդեն։ | ||
+ | |||
+ | |||
+ | ===XV=== | ||
+ | |||
+ | |||
+ | Օգոստոսի տասնհինգին, աստվածածնի վերափոխման և բերքի ու պտուղների օրհներգի տոնին, երբ առատ կուտից փքված հավերը խուլ են իրենց համար սիրականչ նվագող աքաղաղների շեփորին, մի խոշոր, քարե խաչելություն ջարդեց Անտվերպենի դարպասներից մեկում՝ կարդինալ Գրանվելլայի ծառայության մեջ գտնվող մի իտալացի, և եկեղեցական թափորը դուրս եկավ Աստվածամոր տաճարից՝ հետևը գցած ծաղրածու֊խեղկատակներ՝ կանաչ, դեղին, կարմիր<ref>Միջին դարերում Եվրոպայում կրոնական մի քանի տոներ, որ տեղի էին ունենում ծաղրածուների մասնակցությամբ, հաճախ կոչում էին «Գժերի տոն»։</ref> հագած։ | ||
+ | |||
+ | Բայց ճանապարհին անծանոթ մարդիկ անարգեցին սուրբ կույսի արձանը, որն անմիջապես հետո տարան ու դրեցին եկեղեցու խորանը և փակեցին դրա վանդակադուռը։ | ||
+ | |||
+ | Ուլենշպիգելն ու Լամմեն մտան աստվածածնի եկեղեցին։ Գջլոտ, ցնցոտիավոր պատանիներ, դրանց մեջ և մի քանի մարդ, որոնց ոչ ոք չէր ճանաչում, կանգնել էին ամբիոնի առաջ և իրար զանազան նշաններ ու ծամածռություններ էին անում, ձեռքերով ու ոտքերով ահագին աղմուկ բարձրացնում։ Նրանց ոչ ոք չէր տեսել Անտվերպենում, ոչ էլ հետո տեսավ։ Նրանցից մեկը, որի դեմքն ասես խորոված սոխ լիներ, հարցրեց, թե չլինի՞ Մարիամիկը, այսինքն աստվածամայրը, վախեցել էր, որ այդպես ափալ֊թափալ վերադարձավ եկեղեցի։ | ||
+ | |||
+ | ― Քեզնից չէ, որ վախեցել է, սև՛ սատանա, ― ասաց Ուլենշպիգելը։ | ||
+ | |||
+ | Երիտասարդը, որին ասաց այդ խոսքը, շարժվեց դեպի Ուլենշպիգելը՝ ծեծելու մտադրությամբ, բայց Ուլենշպիգելը սեղմեց նրա ծոծրակն ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե խփես՝ այնպես կանեմ, որ լեզուդ դուրս գցես։ | ||
+ | |||
+ | Ապա, դառնալով դեպի այդտեղ կանգնած անտվերպեցիները և ցույց տալով գջլոտ երիտասարդներին, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Պարոններ և տիկիններ, զգուշացեք․ սրանք կեղծ ֆլամանդացիներ, կաշառված դավաճաններ են՝ մեզ տանելու են դեպի աղետ, թշվառություն ու կործանում։ | ||
+ | |||
+ | Ապա դառնալով այդ անհայտ մարդկանց՝ ավելացրեց․ | ||
+ | |||
+ | ― Հը, իշի մռութնե՛ր, անոթի, քաղցած թշվառներ, որտեղի՞ց է այդ փողը, որ այսօր զնգզնգում է ձեր քսակներում։ Հո առաջուց չե՞ք ծախել ձեր մորթը, որ դրանից թմբուկ շինեն։ | ||
+ | |||
+ | Հետո միասին դիմելով աստվածածնին՝ սկսեցին աղաղակել։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ լավ շրջազգեստ ունի Մարիամիկը, ի՜նչ լավ թագ ունի Մարիամիկը։ Հաճությամբ կընծայեի դրանք իմ սիրեկանին։ | ||
+ | |||
+ | Նրանք դուրս եկան․ բայց նրանցից մեկը բարձրացել էր բեմ և այդտեղից ափեղ֊ցփեղ բաներ էր ասում, ուստի խումբը նորից ներս եկավ գոռգոռալով․ | ||
+ | |||
+ | ― Իջի՛ր Մարիամի՛կ, իջի՛ր, քանի դեռ քեզ ցած չեն բերել։ Մի հրաշք կատարի՛ր, որ տեսնենք, Մարիամի՛կ, թե նույնքան լավ քայլո՞ւմ ես, որքան ուրիշի ուսերի վրա տարվում, ծույլ անպիտա՛ն։ | ||
+ | |||
+ | Իզուր էր Ուլենշպիգելը գոռում՝ «Աստվածության վարպետնե՛ր, վե՛րջ տվեք այդ խայտառակ խոսքերին․ չարիքի պատճառ եք դառնում», նրանք չէին դադարում, ոմանք նույնիսկ պահանջում էին ջարդել խորանի վանդակադուռը և Մարիամիկին բեմից ցած իջեցնել։ | ||
+ | |||
+ | Այդ բանը լսելով մի պառավ կին, որ եկեղեցում մոմ էր ծախում, իր ոտնաջեռուցիկից մոխիր վերցրեց ու շպրտեց նրանց դեմքերին, բայց նրան ծեծեցին ու գցեցին գետին։ Եվ ապա իրարանցումը ծայր առավ։ | ||
+ | |||
+ | Մարկգրաֆն իր ոստիկանների հետ մտավ եկեղեցի։ Տեսնելով, որ ժողովուրդը խռնվել է՝ ստիպեց դուրս գալ, բայց այնքան մեղմ կերպով, որ մի քանիսը հազիվ կարողացան դուրս գալ, շատերն էլ ասում էին․ | ||
+ | |||
+ | ― Նախ և առաջ ուզում ենք, որ հոգևոր հայրերը եկեսցե երգեն ի պատիվ Մարիամիկի։ | ||
+ | |||
+ | ― Չի՛ երգվի, ― պատասխանեց Մարկգրաֆը։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն մենք ինքներս կերգենք, ― վրա բերին գջլոտ անծանոթները։ | ||
+ | |||
+ | Եվ սկսեցին երգել եկեղեցու ատյանում ու նախագավթում։ Ոմանք krieke steenen (կեռասի կորիզ) էին խաղում և ասում․ «Մարիամի՛կ, դրախտում դու երբեք չես խաղում ու ձանձրանում ես, եկ միասին խաղանք»։ | ||
+ | |||
+ | Եվ անընդհատ անարգում էին արձանը, աղմկում, հույ֊հույ անում ու սուլում։ | ||
+ | |||
+ | Մարկգրաֆը ձևացավ, թե վախենում է, ու գնաց։ Նրա հրամանով եկեղեցու բոլոր դռները փակեցին, բացի մեկից։ | ||
+ | |||
+ | Անհայտ գջլոտներն ավելի լկտիացան և ավելի սաստիկ սկսեցին զազրախոսել, բայց ժողովուրդն ամենևին չէր խառնվում դրան։ Կամարները թնդում էին՝ ասես հարյուրավոր հրանոթների որոտից։ | ||
+ | |||
+ | Այնժամ նրանցից մեկը, այն, որ խորոված սոխի կերպարանք և կարծես որոշ իշխանություն ուներ, բարձրացավ բեմ, ձեռքով նշան արավ և սկսեց քարոզ կարդալ․ | ||
+ | |||
+ | ― Յանուն հօր, և որդոյ, և հոգույն սրբոյ․ երրորդութիուն ի մի, և մինն ի երրորդութիուն։ Արքայության մեջ աստված մեզ կազատի թվաբանությունից․ այսօր՝ օգոստոսի քսանիննին, Մարիամիկը մեծագին և շքեղազարդ զգեստավորումներով դուրս եկավ, որպեսզի իր փայտե դեմքը ցույց տա Անտվերպենի տյարց և տիրուհյած։ Բայց թափորի ժամանակ Մարիամիկը հանդիպեց դև սատանային, և սատանան, ծաղրելով նրան, ասաց․ Ինչպե՜ս ես հպարտացել այդպես թագուհու պես զուգվելով, Մարիամի՛կ, և չորս տիկինների ուսերին տարվելով, որ չես ուզում անգամ նայել խեղճ սատանային, որ հետիոտն է ճամփա գնում»։ Իսկ Մարիամիկը պատասխանեց․ « Կորի՛ր, սատանա՛, ապա թե ոչ գլուխդ ավելի ուժգին կջարդեմ, զզվելի՛ օձ»։ «Մարիամի՛կ, ― ասաց սատանան, ― հազար հինգ հարյուր տարի է, որ գործիդ անունը այդ է, բայց փրկչի՝ քո տիրոջ հոգին ինձ ազատեց։ Ես քեզնից ավելի հզոր եմ, դու չես կարող գլուխս տրորել, իսկ ես հիմա քեզ պար կածեմ»։ Եվ սատանան վերցրեց մի մտրակ՝ խիստ շառաչուն, և սկսեց դրանով խփել Մարիամիկին, որ վախենալով իր ահը ցույց տալուց, չէր համարձակվում ճչալ։ Այն ժամանակ նա սկսեց արագաքայլ վազել՝ փութացնելով և՛ իրեն տանող տիկնանց, որ նրանք էլ վազ տան, որպեսզի իր ոսկե թագով ու զարդարանքներով չընկնի աղքատ ժողովրդի ձեռքը։ Եվ հիմա Մարիամիկը ահաբեկված ու ձայնը կտրած նստել է իր որմնախորշում և զննում է սատանային, որ նստած է այնտեղ, սյունի գլխին, փոքր գմբեթի տակ՝ բռնել է իր մտրակը ու տնազ է անում․ «Ես քո հոգին կհանեմ այն արյան և արցունքի համար, որ թափվում է քո անունից, Մարիամի՛կ, ինչպե՞ս է քո կուսական որպիսությունը։ Բնիցդ դուրս գալու ժամը հասել է։ Քեզ հիմա երկու կտոր կանեն, փայտե չնչին արձա՛ն, այն բոլոր միս ու ոսկորե կենդանի արձանների համար, որոնց անխիղճ կերպով վառել են, կախել, ողջ֊ողջ թաղել»։ Այսպես խոսեց սատանան և լավ խոսեց։ Եվ պետք է իջնես քո որմնախորշից, արյունարբո՛ւ Մարիամիկ, անխի՛ղճ Մարիամիկ, որ ամենևին որդուդ՝ Քրիստոսին նման չեղար։ | ||
+ | |||
+ | Եվ չարահայտների ամբողջ ոհմակը աղմկում էր, մոլեգնում ու բարբաջում․ | ||
+ | |||
+ | ― Մարիամի՛կ, Մարիամի՛կ, դուրս գալուդ ժա՛մն է։ Չլինի՞ բնումդ նստած, ահից թրջել ես տակի շորերդ։ Հապա՛, Բրաբանտի բարի դքսի հպատակնե՛ր, մի այդ փայտե սրբերին տկլորացրեք, գցեք Շելդան՝ թող լողանան։ Փայտը ձկնից ավելի լավ է լող տալիս։ | ||
+ | |||
+ | Ժողովուրդը լսում էր նրանց, բայց ծպտուն չէր հանում։ | ||
+ | |||
+ | Իսկ Ուլենշպիգելը բարձրանալով բեմ՝ բռնի ստիպեց խոսողին սանդուղքից իջնել։ | ||
+ | |||
+ | ― Կապելու գժե՛ր, ― ասաց նա դիմելով ժողովրդին, ― ընկնավո՛ր գժեր, ցնդա՛ծ անպիտաններ, որ ձեր խլնքոտ քթից դենը ոչինչ չեք տեսնում․ միթե չե՞ք հասկանում, որ այս ամենը դավաճանների գործն է։ Նրանք ուզում են ձեզ ստիպել սրբապղծություն գործել և կողոպուտ անել, որպեսզի ապսատմբ հայտարարեն ձեզ, դատարկեն ձեր սնդուկները, կտոր֊կտոր անեն ձեզ ու ողջ֊ողջ վառեն։ Եվ ձեր ունեցվածքը կժառանգի թագավորը։ Տյա՛րք և տիկնա՛յք, ամենևին հավատք մի՛ ընծայեք չարագործության այս վարպետների խոսքերին․ թողե՛ք աստվածածնին իր խորշի մեջ, ապրեցե՛ք հաստատապես, աշխատեցեք զվարթագին՝ ծախսելով ձեր շահն ու վաստակը։ Ավերածության սև դևը աչքը տնկել է ձեզ վրա․ ավարառության ու կործանվելու համար է նա կանչելու թշնամու բանակը, որպեսզի հետո էլ ապստամբ հռչակի ձեզ և ձեր գլխին իշխան դնի Ալբայի դքսին՝ իր դիկտատուրայով, ինկվիզիցիայով, բռնագրավմամբ ու մահով։ Եվ ձեր ունեցվածքը ժառանգելու է նա՛։ | ||
+ | |||
+ | ― Ավա՜ղ, ― ասում էր Լամմեն, ― մի՛ կողոպտեք, տյա՛րք և տիկնա՛յք, թագավորն արդեն խիստ զայրացել է։ Ասեղնագործ պառավի աղջիկն է ասել իմ բարեկամ Ուլենշպիգելին։ Մի՛ կողոպտե՛ք, պարոնա՛յք։ | ||
+ | |||
+ | Բայց ժողովուրդը չէր կարող լսել նրանց։ | ||
+ | |||
+ | Չարահամբավները աղաղակում էին․ | ||
+ | |||
+ | ― Ավար ու ջա՛րդ։ Զարկ ու թալանի՛ր, Բրաբանտի ժողովուրդ։ Փայտե սրբերին ջո՛ւրը գցիր։ Ձկներից ավելի լավ են լողում նրանք։ | ||
+ | |||
+ | Ուլենշպիգելը բեմում կանգնած եռանդագին գոչում էր․ | ||
+ | |||
+ | ― Տյա՛րք և տիկնա՛յք, կողոպուտի ո՛չ մի փորձ, դժբախտություն մի՛ բերեք քաղաքին։ | ||
+ | |||
+ | Բայց նա այդտեղից ցած բերվեց՝ դեմքը, բաճկոնակը, շալվարը ամբողջովին պատառոտված, չնայած նրա՝ ձեռք ու ոտքով վրեժ լուծելուն։ Եվ բոլորովին արյունլվա՝ նա չէր դադարում գոչել․ | ||
+ | |||
+ | ― Կողոպուտի ո՛չ մի փորձ։ | ||
+ | |||
+ | Բայց զուր անցան նրա ճիգերը։ | ||
+ | |||
+ | Չարահամբավներն ու քաղաքի գջլոտները հարձակվեցին բեմի ճաղերի վրա ու մագլցեցին վրայից՝ գոչելով «Կեցցե՜ն գյոզերը»։ | ||
+ | |||
+ | Եվ ամենքն էլ սկսեցին ջարդել, ավերել ու ավարի մատնել։ Կեսգիշերը չէր եղել դեռ, որ այդ հսկայական եկեղեցին, ուր յոթանասուն խորան կար, ամեն տեսակ գեղեցիկ նկարներ ու թանկարժեք իրեր, դատարկվեց ընկույզի պես։ Խորանները փշրվեցին, նկարները ցած գցվեցին և ամենայն փականք ջարդվեց։ | ||
+ | |||
+ | Այդ ամենն անելուց հետո չարահամբավները ճանապարհ ընկան նույնն անելու Մինորիտների, Ֆրանցիսկյանների, Սուրբ Պետրոսի, քաղաքամիջի, Ֆավկենսի Սպիտակ քույրերի հետ, Գորշ քույրերի, Երրորդ կարգի, Քարոզչաց եկեղեցիներում ու քաղաքի բոլոր ժամերում ու մատուռներում։ Նրանք վերցրին այդտեղից աշտանակներն ու կերոնները և այդպես խուժեցին ամեն տեղ։ | ||
+ | |||
+ | Նրանց մեջ ոչ կռիվ եղավ, ոչ վեճ, ոչ մեկը չվիրավորվեց քարի, փայտի ու շինանյութերի այդ վիթխարի ավերածության ժամանակ։ | ||
+ | |||
+ | Նրանք հասան Հաագա, որպեսզի ձեռք զարկեն արձանների ու խորանների կործանման․ բայց ոչ այդտեղ, ոչ էլ այլուր ռեֆորմիստները չաջակցեցին նրանց։ | ||
+ | |||
+ | Հաագայում քաղաքապետը հարցրեց նրանց, թե ո՛րտեղ են իրենց հրահանգողները։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ է, ― ասաց դրանցից մեկը՝ խփելով կրծքին։ | ||
+ | |||
+ | ― Նրանց հրահանգողները, լսո՞ւմ եք՝ տյա՛րք և տիկնա՛յք, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Ուրեմն կա մեկը, որ նրանց լիազորում է սրբապղծություններ գործել։ Ուրեմն եթե որևէ ավազակ գա իմ հյուղակը՝ ես էլ Հաագայի քաղաքապետի պես պիտի անեմ, գլխարկս հանեմ և ասեմ․ «Ազնիվ ավազակ, շնորհագե՛ղ անպիտան, պատվարժան տխմար, ցույց տուր տեսնեմ քո հրահանգչին»․ նա էլ ինձ կասի, որ այդ հրահանգիչը իմ ունեցվածքին ծարավի իր սրտի մեջն է։ Ես էլ ամեն ինչի բանալիները կտամ նրան։ Հասկացեք, հասկացեք, թե ո՛վ է օգտվում այս կողոպուտից։ Զգուշացե՛ք Կարմիր շնից։ Քարե խոշոր խաչելությունը ջարդված է։ Զգուշացե՛ք Կարմիր շնից։ | ||
+ | |||
+ | Մալինի Գերիշխան խորհուրդը իր նախագահ Վիգլիուսի միջոցով հրահանգել էր ոչ մի արգելք չհարուցել պատկերները ջարդելուն։ | ||
+ | |||
+ | ― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը, ― հունձը հասել է իսպանական հնձվորների համար։ Դո՜ւքսը․ դուքսը մեզ վրա է գալիս։ Ֆլամանդացինե՛ր, ծովը բարձրանում է, վրիժառության ծովը։ Խե՜ղճ կանայք ու աղջիկներ, փախե՛ք, այլապես ձեզ կենդանի կթաղեն։ Խե՜ղճ մարդիկ, փախեք կախաղանից, կրակից սրից։ Ֆիլիպն ուզում է ավարտել Կառլոսի արյունոտ գործը։ Հայրը մահ ու աքսոր սերմանեց․ որդին երդվեց, որ ինքը կգերադասի թագավորել գերեզմանատան, քան թե մի հերետիկոս ժողովրդի վրա։ Փախե՛ք, դահիճն ու գերեզմանափորները մոտիկ են։ | ||
+ | |||
+ | Ժողովուրդը ունկնդրում էր Ուլենշպիգելին, և հարյուրավոր ընտանիքներ հեռանում էին քաղաքներից․ ճանապարհները բռնված էին ինքնակամ աքսոր գնացողների կահույքով բարձված սայլերով։ | ||
+ | |||
+ | Ուլենշպիգելը գնում էր ամեն տեղ՝ իր ցավը ողբալու և կորցրած սերը փնտրող Լամմեի ընկերակցությամբ։ | ||
+ | |||
+ | Իսկ Դամմեում Նելեն լաց էր լինում խելացնոր Կատլինի մոտ։ | ||
15:22, 28 Հունիսի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Շառլ Թեոդոր Անրի դը Կոստեր |
Բովանդակություն
- 1 ԲՈՒԻ ԱՌԱՋԱԲԱՆ
- 2 Գիրք առաջին
- 2.1 I
- 2.2 II
- 2.3 III
- 2.4 IV
- 2.5 V
- 2.6 VI
- 2.7 VII
- 2.8 VIII
- 2.9 IX
- 2.10 X
- 2.11 XI
- 2.12 XII
- 2.13 XIII
- 2.14 XIV
- 2.15 XV
- 2.16 XVI
- 2.17 XVII
- 2.18 XVIII
- 2.19 XIX
- 2.20 XX
- 2.21 XXI
- 2.22 XXII
- 2.23 XXIII
- 2.24 XXIV
- 2.25 XV
- 2.26 XXVI
- 2.27 XXVII
- 2.28 XXVIII
- 2.29 XXIX
- 2.30 XXX
- 2.31 XXXI
- 2.32 XXXII
- 2.33 XXXIII
- 2.34 XXXIV
- 2.35 XXXV
- 2.36 XXXVI
- 2.37 XXXVII
- 2.38 XXXVIII
- 2.39 XXXIX
- 2.40 XL
- 2.41 XLI
- 2.42 XLII
- 2.43 XLIII
- 2.44 XLIV
- 2.45 XLV
- 2.46 XLVI
- 2.47 XLVII
- 2.48 XVIII
- 2.49 XLIX
- 2.50 L
- 2.51 LI
- 2.52 LII
- 2.53 LIII
- 2.54 LIV
- 2.55 LV
- 2.56 LVI
- 2.57 LVII
- 2.58 LVIII
- 2.59 LIX
- 2.60 LX
- 2.61 LXI
- 2.62 LXII
- 2.63 LXIII
- 2.64 LXIV
- 2.65 LXV
- 2.66 LVI
- 2.67 LXVII
- 2.68 LVIII
- 2.69 LXIX
- 2.70 LXX
- 2.71 LXXI
- 2.72 LXXII
- 2.73 LXXIII
- 2.74 LXXIV
- 2.75 LXXV
- 2.76 LXXVI
- 2.77 LXVII
- 2.78 LXXVIII
- 2.79 LXXIX
- 2.80 LXXX
- 2.81 LXXXI
- 2.82 LXXXII
- 2.83 LXXXIII
- 2.84 LXXXIV
- 2.85 LXXXV
- 3 Գիրք երկրորդ
ԲՈՒԻ ԱՌԱՋԱԲԱՆ
Պարո՛ն նկարիչներ, տե՛ր հրատարակիչներ, պարո՛ն բանաստեղծ, ես մի քանի դիտողություն ունեմ ձեզ անելու ձեր առաջին հրատարակության առթիվ: Ինչպե՜ս. այս խոշոր գրքի, այս փղի մեջ, դուք, որ տասնութ հոգով փորձում եք այն մղել դեպի փառքը, չեք գտել ամենափոքրիկ մի տեղ Միներվայի թռչունի` իմաստուն բուի, խոհեմ բուի համար: Գերմանիայում և այս Ֆլանդրիայում, որ դուք այդքան սիրում եք, ես շարունակ ճամփորդում եմ Ուլենշպիգելի ուսի վրա, իսկ նա այդպես է կոչվում, որովհետև նրա անունը նշանակում է բու և հայելի` իմաստություն և կատակերգություն` uvl en spiegel: Իսկ Դամմեյի բնակիչները, ուր նա ծնվել է, ասում են, թե արտասանում են Ulenspiegel` սղելով և uv-ի փոխարեն u արտասանելու նրանց սովորությամբ: Դա նրանց գործն է: Դուք երևակայեցիք մեկ այլ մեկնություն Ulen (փոխանակ` Ulieden) Spiegel-ի` ձեր հայելին, ձեր, գեղջուկնե՛ր ու սեպուհնե՛ր, կառավարվողնե՛ր ու կառավարողնե՛ր, մի դարաշրջանի հիմարությունների, ծիծաղելի բաների և ոճրագործությունների հայելին: Դա հնարամիտ էր, բայց ոչ բանական: Ամենևին պետք չէ խզել կապը ավանդույթից:
Թերևս դուք արտառոց եք գտել իմաստությունը մի թախիծոտ ու այլանդակ թռչունով սիմվոլացնելու միտքը` ձեր կարծիքով ակնոցավոր մի իմաստակի, տոնավաճառի խեղկատակի, խավարի բարեկամի միջոցով, որ լռիկ թռչում է և սպանում, երբ նրա գալը չես լսում, ինչպես և մահի: Այնուամենայնիվ դուք նման եք ինձ, կե՛ղծ միամիտներ, որ ծիծաղում եք ինձ վրա: Դուք էլ այնպիսի գիշերներ եք ունեցել, երբ արյունը առվի պես հոսել է ոտքերի թաղիք հագած ջարդարարի հարվածներից, որպեսզի նրա գալու ձայնն էլ չլսեին: Ձեր բոլորի պատմության ընթացքում չե՞ն ծագել արդյոք գունատ այգաբացներ, որոնք իրենց տշգույն շողերով լուսավորել են մարդկանց, կանանց ու երեխաների դիակներով ծածկված սալահատակներ: Ինչո՞վ է ապրում ձեր քաղաքականությունն սկսած այն օրվանից, որ դուք իշխում եք աշխարհումս. ջարդ ու կոտորածով: Ես` բուն, տգեղ բուն, սպանում եմ սնվելու համար, իմ ձագերին սնելու համար. ես երբեք չեմ սպանում հանուն սպանության: Եթե դուք ինձ կշտամբեք թռչունիկների որևէ բույն լափելու համար, միթե ես ձեզ չե՞մ կարող կշտամբել այն նախճիրի համար, որ անում եք ամեն մի շնչավորի նկատմամբ: Դուք գրել եք գրքեր, որոնց մեջ մեղրածոր լեզվով խոսելով թռչունի արագասլացության, սիրաբանության, գեղեցկության, բույնը շինելու վարպետության և մայրությանն սպառնացող վտանգների մասին` ավելացնում եք, թե ի՛նչ սոուսով այն պետք է մատուցել և տարվա ո՛ր ամսին ամենայուղալի տապակածը կարելի է պատրաստել: Ես գրքեր չեմ գրում, աստված չանի, ապա թե ոչ կգրեմ, որ երբ դուք չեք կարողնում ուտել թռչունը, ուտում եք բույնը, վախենալով ատամներն անգործ թողնելուց:
Գալով քեզ, ո՜վ ծանծաղամիտ բանաստեղծ, քո շահը պահանջում էր, որ ինձ վերականգնես քո գրքում, որի առնվազն քսան գլուխը ինձ է պատկանում, մյուսները ամբողջովին թողնում եմ քեզ որպես սեփականություն: Սա նվազագույնն է տպագրվող հիմարությունների բացարձակ տերը լինելու համար: Աղմկասե՛ր բանաստեղծ, դու աչ ու ահյակ հարվածում ես նրանց, որոնց անվանում ես քո հայրենիքի դահիճ, Կառլոս Հինգերորդին և Ֆիլիպ Երկրորդին գամում ես պատմության նշավակության սյունին, ի՞նչ գիտես, որ աշխարհումս այլևս Կառլոս Հինգերորդներ և Ֆիլիպ Երկրորդներ չկան: Չե՞ս վախենում, որ մի ուշադիր գրաքննիչ քո փղի փորի մեջ ակնարկներ կարող է փնտրել նշանավոր ժամանակակիցների հասցեին: Ինչո՞ւ չես թողնում, որ այդ կայսրն ու այդ թագավորը հանգչեն իրենց տապանների մեջ: Ինչո՞ւ ես հաչում նորին վսեմությունների վրա: Հարված փնտրողը հարվածից կմեռնի: Կան մարդիկ, որոնք քեզ բնավ չեն ների, ես էլ չեմ ներում, դու խանգարում ես իմ քաղքենիական մարսողությունը:
Ի՞նչ ես շարունակ հակադրում մանկությունից դաժան մի ատելի թագավորի (հենց դրա համար էլ նա մարդ է) ֆլամանդական ժողովրդին, որին ուզում ես նենց ներկայացնել որպես հերոսական, ուրախ-զվարթ, ազնիվ ու աշխատասեր: Ո՞վ քեզ ասաց, որ այդ ժողովուրդը բարի էր, իսկ արքան` չար: Ես կարող էի խելամտորեն հակառակն ապացուցել քեզ: Քո գլխավոր գործող անձինք կամ տխմար են, կամ հիմար` առանց որևէ բացառության. քո չարաճճի Ուլենշպիգելը զենք է վերցնում խղճի ազատության համար. նրա հայր Կլաասը ողջ-ողջ այրվում է` իր կրոնական համոզմունքների վրա պնդելու համար. նրա մայր Սոոտկինը կրծում է իրեն և ապա մեռնում խոշտանգումենրից, որովհետև ուզում էր մի գումար պահել որդու համար. քո Լամմե Գուդզակը շիփ-շտակ է գնում կյանքում, կարծես թե աշխարհում միայն բարի ու ազնիվ լինելու հանգամանքը կա. քո փոքրիկ Նելեն, որ բավականին լավիկն է, կյանքում միայն մի մարդու է սիրում... Ու՞ր է հիմա այսպիսի բան տեսնվում: Ես կխղճայի քեզ` եթե չծիծաղեցնեիր ինձ:
Այնուամենայնիվ պետք է խոստովանեմ, որ այս անհեթեթ անձանց կողքին կան մի քանի ուրիշներ, որոնց հաճոյությամբ կբարեկամանամ ես. քո իսպանական գուգազներին, ժողովրդին խարույկ բարձրացնող վանականներին, քո Ժիլինին` ինկվիզիցիայի լրտեսուհուն, քո ընչաքաղց ձկնավաճառին` մատնիչ ու մարդագելին, քո ազնվականին, որ դև է դառնում որևէ ամիտ կնոջ գայթակղելու համար, մանավանդ այդ խոհեմ Ֆիլիպ Երկրորդին, որ դրամի կարիք ունենալով ջարդել է տալիս եկեղեցիների սրբապատկերները, որպեսզի ճնշի այդ ընդվզումը, որի իմաստուն հրահրողն էր: Սա, իհարկե, նվազագույնն է, որ անում ես, երբ կոչված ես ժառանգելու ունեցվացքն այն մարդկանց, ում սպանում ես:
Բայց ինձ թվում է, որ ընդ ունայն եմ խոսում: Դու թերևս չգիտես, թե ինչ բան է բուն: Հիմա բացատրեմ քեզ:
Բուն նա՛ է, որ կամացուկ բանսարկություն է սփռում այն մարդկանց վրա, որոնք նեղում են իրեն և երբ նրանից պահանջում են, որ պատասխանատու լինի իր ասածների համար, նա խոհեմաբար գոչում է. — Ես ոչինչ չեմ հավատում, ինձ ասել են: Նա գիտե, որ ասել են-ը անգնահատելի է:
Բուն նա՛ է, որ մտնում է մի պարկեշտ ընտանիքի գիրկը, ներկայանում է որպես փեսացու, անվանարկում է դեռահաս աղջկան, դրամ է փոխ առնում, երբեմն վճարում է իր պարտքը և գնում է այդտեղից միայն այն ժամանակ, երբ այլևս անելու բան չկա:
Բուն այն քաղաքական գործիչն է, որ դնելով ազատասիրության, անբծության, մարդասիրության դիմակ, հարմար րոպեին, առանց նախազգուշացնելու, կամացուկ խեղդում է մի մարդու կամ մի ազգի:
Բուն այն առևտրականն է, որ խարդախում է իր գինին, կեղծում է ուտելեղենը, սննդահյութի փոխարեն անմարսություն է մտցնում, ուրախության տեղ` զայրույթ:
Բուն նա է, որ ճարպկորեն գողանում է, և ոչ ոք չի կարողանում ծոծրակից բռնել, պաշտպանում է կեղխիքը իսկականի դեմ, կործանում է այրի կնոջ, կողոպտում որբին և հաղթանակ տանում յուղի մեջ, ինչպես որ ուրիշները հաղթանակ են տանում արյան մեջ:
«Բուուհին» կամ էգ բուն, ինչպես կուզես, առանց բառախաղի, այն կինն է, որ վաճառում է իր հրապույրները, պղծում է երիտասարդների անարատ սրտերը, դա անվանում է «մարդ դարձնել նրանց», ապա առանց մի սուի թողնում տիղմի մեջ, ուր նրանց քաշել էր:
Եթե նա տխուր է երբեմն, եթե հիշում է, որ կին է ինքը, որ կարող էր մայր լինել, ես ժխտում եմ դա: Եթե այդ ապրելակերպից հոգնած` նա նետվում է ջուրը, ապա ապրելու արժան խենթ է:
Շուրջդ նայիր, գավառակա՛ն բանաստեղծ և, եթե կարող ես, համրիր աշխարհիս բուերը. մտածի՛ր, թե խոհե՞մ բան է հարձակվել, ինչպես դու ես անում, ուշի և խորամանկության այլ թագակիր էգ բուերի վրա: Քաշվիր ինքդ քո մեջ, ասա քո mea culpa-ն և ծնկաչոք թողություն հայցիր:
Այնուամենայնիվ դու հետաքրքրում ես ինձ քո վստահող անխոհեմությամբ. ուստի հակառակ իմ հանրածանոթ սովորություններին` ես քեզ նախազգուշացնում եմ, որ քո ոճի անվայելությունն ու լկտիությունը կհայտնեմ գրական եղբայրակիցներին, որոնք փետուրով, կտուցով ու ակնոցով ուժեղ են, խոհեմ ու իմաստակ են և ամենասիրալիր, ամենապատշաճ ձևով, բազում սնդուսով ու թևնոցով սքողելով կարող են երիտասարդ անձանց պատմել սիրային պատմություններ, որոնք միայն Կիթերայից չեն գալիս, և մեկ ժամվա մեջ, աննկատելի կերպով, կարող են ամենախև Ագնեսը ստեղծել: Օ՜ հանդուգն բանաստեղծ, որ այդքան սիրում ես Ռաբլեին և հին վարպետներին, այդ մարդիկ այն առավելությունն ունեն քեզնից, որ այնքան կհղկեն ֆրանսական լեզուն, որ ի վերջո կմաշեն այն:
- ԲՈՒԲՈՒԼՈՍ ԲՈՒԲ
Գիրք առաջին
I
Ֆլանդրիայի Դամմե քաղաքում, երբ մայիսը բաց էր անում ալոճենու ծաղիկները, ծնվեց Ուլենշպիգելը, Կլաասի որդին։
Մի պառավ տատմայր, Կատլին անունով, փաթաթեց նրան տաք բարուրի մեջ և նայելով երեխայի գլխին՝ այնտեղ մի մաշկ ցույց տվեց։
― Բախտավոր է,[1] լավ աստղի տակ է ծնվել, ― ասաց նա ուրախ֊ուրախ։
Բայց շուտով սկսեց ողբալ, նորածնի ուսի վրա նկատելով մի սև բիծ։
― Ավա՜ղ, ― ասաց նա լալով, ― սատանայի մատի սև նշանն է սա։
― Մի՞թե պարոն սատանան, ― հարեց Կլաասը, ― առավոտյան այդքան կանուխ է վեր կացել, որ ժամանակ է ունեցել արդեն իմ որդու վրա նշան դնելու։
― Նա դեռ չի էլ պառկել քնելու, ― ասաց Կատլինը, ― որովհետև աքլորը նոր է հավերին զարթնեցնում։
Ու նա դուրս եկավ, երեխան տալով Կլաասի ձեռքը։
Հետո արշալույսը ճեղքեց գիշերային ամպերը, ծիծեռնակները աղմկելով և ճռվողելով սլացան մարգագետինների վրայով, և արևը ծիրանագույն հորիզոնի վրա ցույց տվեց իր պայծառ երեսը։
Կլաասը բացեց լուսամուտը և խոսքն ուղղելով Ուլենշպիգելին՝ ասաց․
― Բախտավոր տղա, ահա վեհափառ Արևը, որ ելնում է ողջունելու Ֆլանդրիայի երկիրը։ Նայիր նրան միշտ, երբ կսկսես տեսնել, և երբ ապագայում կասկածը կրծի քո սիրտը ու չիմանաս ինչ անես, որ լավ լինի, խորհուրդ հարցրու նրանից․ նա պայծառ է ու ջերմ, եղի՛ր անկեղծ, ինչպես պայծառ է նա, և բարի՝ ինչպես ջերմ է նա։
― Կլաաս, ա՛յ մարդ, ― ասաց Սոոտկինը, ― խուլի ականջին քարոզ ես կարդում։ Արի՛, զավակս, կերակրեմ քեզ։
Ու մայրը նորածնին ընծայեց բնության պարգև իր չքնաղ անոթները։
II
Մինչդեռ Ուլենշպիգելը խմում էր մոր ստինքներից, դաշտի բոլոր թռչուններն արթնացան։
Կլաասը, որ խրձեր էր կապում, նայում էր, թե ինչպես է մայրը կուրծք տալիս Ուլենշպիգելին։
Կին, ― ասաց նա, ― այդ ի՞նչ լավ կաթի պաշար ես պատրաստել։
― Սափորները լիքն են, ― ասաց կինը, ― բայց ուրախությունս կիսատ է։
― Այսպիսի մի մեծ օր դու շատ խճալի ես խոսում։
― Մտածում եմ, ― ասաց նա, ― որ մի սև գրոշ էլ չկա պատից կախված ա՜յ այն քսակում։
Կլաասը վերցրեց քսակը, բայց զուր էր ցնցում, նա չլսեց հնչյուն դրամի ոչ մի զնգոց։ Նրա սիրտը կոտրվեց, բայց կնոջը մխիթարելու համար ասաց․
― Մի՛ տխրիր, Կատլինի երեկ նվիրած կարկանդակը հացի տաշտում չէ՞ միթե, ա՜յ այնտե՞ղ չէ եզան մսի խոշոր կտորը, որն առնվազն երեք օր բավական է երեխայի կաթի համար։ Բակլայով լիքը այն պարկը, որ կուչ է եկել անկյունում, մի՞թե սով է գուշակում։ Յուղի այն կճուճը մի՞թե ուրվական է։ Մի՞թե ոգիներ են մառանում զինվորների պես տասնյակ շարքերով խնձորները։ Զովացուցիչ խմիչքի ազդարարություն չէ՞ արդյոք Բրյուգգեի գարեջրի խոշոր տակառը, որն իր փորի մեջ պահում է մեզ թարմացնող հեղուկը։
― Երեխայի կնունքի համար, ― ասաց Սոոտիկինը, ― քահանային պետք է երկու դանգ տալ և մեկ ֆլորին էլ կոչունքի համար։
― Այդ ժամանակ ներս մտալ Կատլինը՝ ձեռքին խոտերի մի մեծ փունջ և ասաց․
― Ընծայում եմ երեխային այս հրեշտակախոտը, որ մարդուս պաշտպանում է անառակությունից, և այս անուշահոտ սամիթը, որ փախցնում է սատանային․․․
― Իսկ ֆլորիններ բերող խոտ չունի՞ս, ― հարցրեց Կլաասը։
― Ոչ, ― պատասխանեց նա։
― Ուրեմն, ― ասաց Կլաասը, ― գնամ տեսնեմ, թե ջրանցքում չկա՞ նրանցից։
Նա առավ իր կարթը և ցանցը՝ վստահ լինելով, որ այդ ժամին ոչ ոքի չի հանդիպի, որովհետև oosterzon֊ին դեռ մի ժամ էր մնում, որը Ֆլանդրիայում առավոտյան ժամի վեցն է նշանակում։
III
Կլաասը գնաց Բրյուգգեի ջրանցքը, ծովից ոչ հեռու։ Այստեղ նա խայծը դնելով կարթին՝ ձգեց ջրի մեջ, հետո այնտեղ իջեցրեց իր ցանցը։ Լավ հագնված մի մանչուկ ջրանցքի մյուս ափին մուշ֊մուշ քնած էր խխունջների մի փնջի վրա։
Նա զարթնեց Կլաասի բարձրացրած աղմուկից և ուզեց փախչել՝ վախենալով, թե չլինի դա համայնքի որևէ մի ոստիկան է, որ եկել է հանելու նրան իր անկողնից և որպես ապօրինի թափարաշրջիկի տանելու պետի մոտ։
Բայց նա այլևս չվախեցավ, երբ ճանաչեց Կլաասին, որ կանչում էր նրան։
― Ուզո՞ւմ ես վեց լիար վաստակել։ Ձուկը քշիր այս կողմը։
Տղան լսելով այդ՝ մտավ ջուրը իր արդեն փքված փոքրիկ փորով և զինված երկար եղեգների մի խրձով՝ սկսեց ձուկը քշել դեպի Կլաասը։
Երբ որսն ավարտեց, Կլաասը ջրից հանեց իր ցանցն ու կարթը և ջրարգելակի վրա քայլելով գնաց մանչուկի մոտ։
― Այդ դո՞ւ ես, որին կոչում են Լամմե կնունքի անունով և Գուդզակ քո քաղցր բնավորության պատճառով, և ապրում ես Արագիլի փողոցում, Տիրամոր եկեղեցու հետևը։ Այդ ինչպե՞ս է, որ դեռ այդքան ջահել և այդպես լավ հագնված, խելքիդ փչել է քնել հրապարակում։
― Ա՜խ, պարոն ածխավաճառ, ― պատասխանեց տղան։ ― Տանը մի քույր ունիմ, ինձնից մի տարով փոքր է, բայց ինձ այնպես է ծեծում, որ ասել չի լինի։ Իսկ ես չեմ համարձակվում վրեժ հանել նրա կռնակից, որովհետև վախենում եմ ցավ պատճառեմ նրան, պարո՛ն։ Երեկ ընթրիքին խիստ քաղցած էի և մատներով սրբում էի բակլայով եփած եզան մսի ափսեի հատակը։ Քույրս ուզեց ինքն էլ բաժին ունենալ, բայց եղածն ինձ էլ հերիք չէր անում, պարո՛ն։ Երբ նա տեսավ, որ սոուսն այնքան համեղ է, որ ես շրթունքներս եմ լիզում, կատաղեց և սկսեց երկու ձեռքով աջ ու ձախ ապտակներ տալ ինձ այնպիսի ուժով, որ տնից փախա բոլորովին կապտած։
Կլաասը հարցրեց նրան, թե ինչ էին անում նրա հայրը և մայրը այդ տուրուդմփոցի ժամանակ։ Լամմե Գուդզակը պատասխանեց․
― Հայրս խփում էր մեկ ուսիս, մայրս՝ մյուս ուսիս, և երկուսն էլ ասում էին․ «վրեժը հանի՛ր, վախկոտ»։ Բայց ես չուզենալով ձեռք բարձրացնել մի աղջկա վրա՝ փախա։
Հանկարծ Լամմեն գունատվեց և սկսեց դողալ ամբողջ մարմնով։
Կլաասը նայեց և տեսավ, որ գալիս են մի բարձրահասակ կին և նրա կողքին փոքրիկ նիհար մի աղջիկ չարացած դեմքով։
― Վա՜յ, ― ասաց Լամմեն և բռնեց Կլաասի անդրավարտիքից, ― ահա մայրս և քույրս, եկել են ինձ տանելու։ Պաշտպանեցեք ինձ, պարո՛ն ածխավաճառ։
― Կամա՛ց, ― պատասխանեց Կլաասը, ― նախ վերցրու այս յոթ լիարը՝ քո աշխատավարձը, հիմա առանց վախի գնանք նրանց դիմավորելու։
Երբ մայրն ու քույրը տեսան Լամմեին, վազեցին դեպի նա և ուզեցին ծեծել, մայրը՝ որովհետև անհանգստացել էր, քույրը, որի համար ծեծելը սովորություն էր դարձել։
Լամմեն թաքնվեց Կլաասի հետևը և ճչաց․
― Յոթ լիար եմ վաստակել, ինձ մի՛ ծեծեք։
Մինչ մայրն արդեն գրկել էր նրան, փոքրիկ աղջիկն ուզում էր ուժով բաց անել Լամմեի ձեռները, որ դրամը խլի։ Սակայն Լամմեն գոռում էր․
― Իմն է, չեմ տա։
Ու նա սեղմում էր բռունցքը։
Կլաասը բռնեց աղջկա ականջները և պինդ քաշելով ասաց նրան․
― Եթե դու մի անգամ էլ կռվես եղբորդ հետ, որը բարի ու մեղմ է ինչպես գառնուկ, ես քեզ կգցեմ ածուխի սև փոսի մեջ, և այնտեղ քո ականջները կքաշեմ ոչ թե ես, այլ դժոխքի կարմիր սատանան, որը կտոր֊կտոր կանի իր մեծ֊մեծ ճանկերով և եղանի նման երկար ատամներով։
Լսելով այս խոսքերը՝ աղջիկը վախից այլևս չնայեց Կլաասին, ոչ էլ մոտեցավ Լամմեին։ Նա պատսպարվեց մոր շրջազգեստի հետևը, բայց քաղաք մնտելով սկսեց գոռալ ամեն կողմ․
― Ածխավաճառն ինձ ծեծեց, նրա նկուղում սատանա կա։
Բայց և այնպես նա այլևս չծեծեց Լամմեին, այլ մեծանալով սկսեց նրան բանեցնել իր փոխարեն։ Խեղճ պարզամիտ տղան ենթարկվում էր նրան անտրտունջ։
Կլաասը ճանապարհին ծախեց իր որսը մի ագարակապանի, որը սովորաբար գնում էր նրանից։ Տուն վերադառնալով ասաց Սոոտկինին․
― Ահավասիկ, ինչ ես գտա չորս գայլաձկան, ինը ծածանի փորի մեջ և օձաձկով լեփ֊լեցուն մեկ զամբյուղի մեջ։
Ու նա սեղանի վրա նետեց երկու ֆլորին և մեկ պատար։
― Ի՞նչու ամեն օր որսի չես գնում, ա՛յ մարդ, ― հարցրեց Սոոտկինը։
Կլաասը պատասխանեց․
― Որպեսզի ինքս որս չդառնամ ոստիկանների ցանցում։
IV
Դամմե քաղաքում Ուլենշպիգելի հորը կոչում էին kolldraeger կամ ածխավաճառ Կլաաս։ Նրա մազերը սև էին, աչքերը փայլուն, մորթը իր ապրանքի գույնն ուներ, բացի կիրակի և տոն օրերից, երբ հյուղակում օճառը առատորեն էր գործածվում։ Նա կարճահասակ էր, թիկնեղ, հուժկու և ծիծաղերես։
Երբ օրը վերջանում էր, և երեկոն իջնում, նա գնում էր Բրյուգգեի ճանապարհի վրա գտնվող որևէ գինետուն՝ մաքրելու ածուխից սևացած իր կոկորդը․ իրենց տան շեմքերի վրա վերջալույսի զով օդը շնչող կանայք սիրալիր ձայն էին տալիս նրան․
― Բարի իրիկուն և զուլալ գարեջուր, ածխավաճա՛ռ։
― Բարի իրիկուն և անխոնջ ամուսին, ― պատասխանում էր Կլաասը։
Դաշտից խմբերով վերադարձող աղջիկները կտրում էին նրա ճանապարհը և ասում․
― Ի՞նչ կտաս, որ բաց թողնենք, կարմիր ժապավե՞ն, ոսկեզօծ օղե՞ր, թավշյա կիսակոշի՞կ, թե՞ ֆլորին ողորմաքսակի համար։
Բայց Կլաասը գրկում էր նրանցից մեկն ու մեկի մեջքը և համբուրում էր թարմ այտերը կամ վիզը, նայած թե ո՛րն էր մոտիկ լինում իր բերանին, հետո ասում էր․
― Մնացածը, սիրուններ, պահանջեցեք ձեր սիրահարներից։
Ու աղջիկները քահ֊քահ ծիծաղելով շարունակում էին իրենց ճամփան։
Երեխաները Կլաասին ճանաչում էին բամբ ձայնից և կոշիկների հանած աղմուկից։ Վազելով դեպի նա՝ նրանք ճչում էին․
― Բարի իրիկուն, ածխավաճա՛ռ։
― Աստված օրհնի ձեզ, հրեշտակնե՛րս, ― ասում էր Կլաասը։ ― Բայց ինձ չմոտենաք, թե չէ խափշիկ կդարձնեմ ձեզ։
Ամենից հանդուգնները մոտենում էին այնուամենայնիվ, և նա բռնում էր մեկն ու մեկի բաճկոնից ու իր սև ձեռները քսելով երեխայի թարմ դնչիկին, բաց էր թողնում ծիծաղելով, մեծ հրճվանք պատճառելով մյուսներին։
Սոոտկինը՝ Կլաասի կինը, լավ տանտիկին էր, վեր էր կենում արշալույսի հետ և աշխատում ջանասեր մրջյունի պես։ Նա և Կլաասը երկուսով հերկում էին իրենց արտը և եզների նման լծվում էին արորին։ Դժվար էր արորի աշխատանքը, բայց ավելի ծանր էր փոցխելը, երբ դաշտային այդ պարզ գործիքը իր փայտե ատամներով պետք է ճեղքեր կարծր հողը։ Սակայն նրանք այդ անում էին ուրախ սրտով, երգելով որևէ հինավուրց մի տաղ։
Որքան ուզում էր թող կարծր լիներ հողը, որքան ուզում էր թող արևը թափեր նրանց վրա իր այրող շողերը, երբ փոցխելիս նրանք ծալում էին ծնկները, ուժերի անասելի լարումով ծռում էին իրենց մեջքերը ու մի պահ կանգ էին առնում, Սոոտիկինը Կլաասին էր դարձնում իր անուշ դեմքը, և Կլաասը համբուրում էր քնքուշ հոգու այլ հայելին, նրանք մոռանում էին ծանր հոգնածությունը։
V
Նախորդ օրը քաղաքապետարանի դռան առաջ մունետիկը հայտարարել էր, թե թագուհու՝ Կառլոս կայսեր կնոջ, հղի լինելու առթիվ պետք է աղոթքներ ասել նրա առաջիկա ազատման համար։
Կատլինը դողդողալով ներս մտավ Կլաասի տունը։
― Ի՞նչ է եղել, քեզ, կնքամա՛յր, ― հարցրեց նա։
― Ա՜խ, գոչեց նա, խոսելով կցկտուր, ― այս գիշեր ուրվականները հնձում էին մարդկանց, ինչպես գերանդավորները՝ խոտը։ Աղջիկներին ողջ֊ողջ թաղում էին, նրանց դիակների վրա պարում էր դահիճը․․․ ինն ամիս արյուն֊քրտինքի մեջ եղող քարը ճաքեց այս գիշեր։
― Գթա՛ մեզ, ― հեծեծաց Սոոտկինը, ― գթա՛ մեզ, տեր աստված, դա չար գուշակություն է Ֆլանդրիայի երկրի համար։
― Դու այդ քո աչքերո՞վ տեսար, թե երազում, ― հարցրեց Կլաասը։
― Իմ աչքերով, ― պատասխանեց Կատլինը։
Բոլորովին գունատ և լալաով Կատլինը շարունակեց․
― Երկու երեխա ծնվեցին, մեկը Իսպանիայում, դա ինֆանտ (արքայազն) Ֆիլիպն է, մյուսը Ֆլանդրիայում, դա Կաասի որդին է, որը հետո պիտի անվանվի Ուլենշպիգել։ Ֆիլիպը, կդառնա դահիճ, քանի որ սերել է Կառլոս Հինգերորդից, որը խմել է մեր արյունը։ Ուլենշպիգելը կդառնա ուրախ կատակների և երիտասարդական խոլ խաղերի մեծ վարպետ, բայց կունենա բարի սիրտ, քանի որ Կլաասի որդին է, այն քաջ աշխատավորի, որ գիտե արիությամբ, ազատությամբ և քաղցրությամբ վաստակել իր հացը։ Կառլոս կայսրը և Ֆիլիպ թագավորը անզուսպ կարշավեն կյանքի միջով և չարիք կգործեն պատերազմներով, կեղեքումներով և այլ ոճիրներով։ Կլաասը շաբաթն ամբողջ աշխատելով, ըստ օրինի և իրավունքի ապրելով ու իր ծանր աշխատանքների ժամանակ լալու փոխարեն ծիծաղելով՝ կդառնա Ֆլանդրիական ազնիվ աշխատավորների տիպար։ Ուլենշպիգելը՝ միշտ երիտասարդ, երբեք չի մեռնի և կշրջի աշխարհի վրա, առանց ոչ մի տեղ հաստատվելու։ Ու նա կդառնա ռամիկ, ազնվական, նկարիչ, քանդակող, բոլորը միասին։ Ու կթափառի աշխարհում՝ գովելով բարին ու գեղեցիկը, լիաթոք ծիծաղելով հիմարության վրա։ Կլաասը քո արիությունն է, ո՛վ Ֆլանդրիայի ժողովուրդ, Սոոտկինը՝ քո քաջասիրտ մայրը, Ուլենշպիգելը՝ քո ոգին․ մի գողտրիկ և քնքուշ աղջիկ, Ուլենշպիգելի ընկերուհին և նրա պես անմահ, կլինի քո սիրտը, և մի հաստափոր արարած՝ Լամմե Գոդզակը՝ քո ստամոքսը։ Վերևում կլինեն կեղեքիչները, ու երկնքում արյուն կհոսի Քրիստոսի վերքերից։
Այս ասելով քնեց Կատլինը, բարի կախարդուհին։
VI
Ուլենշպիգելին տարան կնքելու։ Հանկարծ թափվեց մի տեղատարափ և նրան մի լավ թրջեց։ Այսպիսով նա մկրտվեց առաջին անգամ։
Երբ նա մտավ եկեղեցի, ժամկոչ֊տիրացուն, նույն ինքը schoolmeester, այսինքն վարժապետը, ասաց կնքահորը և կնքամորը, հայրիկին ու մայրիկին, որ կանգնեն մկրտության ավազանի շուրջը․ այդպես էլ արին։
Բայց ավազանի վերևում կամարի վրա մի ծակ կար, որ բացել էր որմնադիրը ոսկեզօծ փայտե աստղից մի կանթեղ կախելու համար։ Որմնադիրը վերևից նկատելով կնքահորը և կնքամորը, որոնք դիք կանգնել էին կափարիչով ծածկված ավազանի մոտ, կամարի ծակից մի անաստված դույլ ջուր թափեց հենց նրանց գլխի վրայով ավազանի կափարիչի վրա։ Բայց Ուլենշպիգելին հասավ ամենամեծ բաժինը։ Այսպիսով նա մկրտվեց երկրորդ անգամ։
Ավագերեցը եկավ, բոլորը գանգատվեցին նրան, բայց նա ասաց, որ շտապեն, դա մի պատահմունքն է, ուրիշ ոչինչ։ Ուլենշպիգելը սաստիկ ճվում էր, անդադար շարժվում վրան թափած ջրի պատճառով։ Ավագերեցը աղեց նրան ու ջրով ցողեց և անունը դրեց Թիլբերթ, որը նշանակում է «շարժումներով հարուստ»։ Այսպիսով նա մկրտվեց երրորդ անգամ։
Եկեղեցուց դուրս գալով նրանք ուղիղ գնացին դիմացի Երկար փողոցը՝ «Շշերի վարդարան» կոչված գինետունը, որի ցուցանակը մի կուժ էր։ Այնտեղ նրանք խմեցին ավելի քան տասնյոթ գավաթ dobbel-kiuyt[2] գարեջուր։ Որովհետև Ֆլանդրիայում ընդունված է թրջվածներին չորացնելու համար մարդու փորի մեջ գարեջրից խառույկ վառել։ Ուլենշպիգելն, ասյպիսով, մկրտվեց չորրորդ անգամ։
Տուն վերադառնալիս, ճանապարհին օրորվելով, գլուխներն ավելի ծանր, քան մարմինները՝ նրանք հասան մի ջրափոսի, որի վրայով մի փոքրիկ կամուրջ կար։ Կատլինը որպես կնքամայր տանում էր երեխային։ Նա սայթաքեց և ընկավ ցեխի մեջ Ուլենշպիգելի հետ միասին, որն այսպիսով, մկրտվեց հինգերորդ անգամ։
Բայց նրան հանեցին ջրափոսից և տանը լողացրին տաք ջրով, ու այդ եղավ նրա վեցերորդ մկրտությունը։
VII
Այդ օրը Նորին սրբազան վեհափառություն Կառլոսը վճռեց շքեղ հանդեսներ տալ ըստ արժանվույն տոնելու համար իր որդու ծնունդը։ Նա վճռեց, ինչպես Կլաասը, ձկնորսության երթալ, բայց ոչ թե ջրանցքը, այլ իր ժողովուրդների քսակների ու դրամապանակների մեջ։ Այդ ճանապարհով է, որ վեհափառության կարթերը քաշում են ոսկի կրուզատներ, արծաթ տալերներ, ոսկեդրամներ, և բոլոր այդ հրաշալի ձկները ձկնորսի կամքով փոխակերպվում են թավշյա շրջազգեստների, թանկագին գոհարների, ընտիր գինիների և համադամ խորտիկների։ Որովհետև ամենից ձկնառատ գետերը նրանք չեն, որ ամենից առատ ջուր կա։
Իր խորհրդականներին հրավիրելով՝ Նորին սուրբ վեհափառությունը վճռեց, որ ձկնորսությունը պետք է կատարվի հետևյալ ձևով․
Արքայազնին պետք է տանեին մկրտելու ժամը իննի կամ տասի մոտերը․ Վալյադոլիդի բնակիչները, իրենց մեծ ուրախությունը ցուցադրելու համար, ամբողջ գիշերը պետք է անցկացնեին խնջույքի և տոնախմբության մեջ՝ իրենց հաշվին, և Մեծ հրապարակի վրա պետք է շաղ տային իրենց դրամը աղքատների համար։
Հինգ քառուղիներում հինգ մեծ շատրվաններ ադադար գինի պիտի ցայտեին մինչև լուսաբաց՝ քաղաքի հաշվին։ Հինգ ուրիշ քառուղիներում փայտե պատվանդանների վրա դարսված պիտի լինեին ամեն տեսակ երշիկներ, ամեն տեսակ ձկնեղեն, եզան լեզու և այլ տեսակի մսեղեն՝ նույնպես քաղաքի ծախսով։
Վայլադոլիդցիները թափորի ճանապարհի վրա պետք է կառուցեին (իրենց հաշվին) մեծ թվով հաղթական կամարներ, որոնք ներկայացնում են Խաղաղությունը, Երջանկությունը, Առատությունն ու բարեհաջող Բախտը և երկնքի բոլոր այն շնորհները, որոնցով նրանց պարգևատրել են Նորին սուրբ վեհափառության իշխանության օրով։
Վերջապես բացի այդ խաղաղասիրական կամարներից, պետք է բարձրացվեին նաև մի քանի այլ կամարներ, որոնց վրա վառ գույներով պետք է նկարվեին նվազ հեզահամբյուր խորհրդանիշներ, ինչպես օրինակ՝ արծիվներ, առյուծներ, նիզակներ, տեգեր, գեղարդներ, բոցալեզու սուսերներ, հրացաններ, թնդանոթներ, հրասանդներ և այլ ռազմի գործիքներ, որոնք պատկերավոր կերպով ցույց են տալու Նորին սուրբ վահափառության ռազմական հզորությունը։
Ինչ վերաբերում է եկեղեցու լուսավորությանը, թույլատրվում էր մոմագործների համքարությյանը (գիլդիա) ձրիաբար պատրաստել ավելի քան քսան հազար մոմ, և թերայրուկները պետք է հատկացնեին խորհրդատանը։
Գալով մյուս ծախսերին, կայսրը հոժարությամբ իր վրա էր վերցնում դրանք, այդպիսով ցույց տալով իր բարի կամեցողությունը՝ իր ժողովուրդներին չափից ավելի չծանրաբեռնելու։
Մինչդեռ համայնքը արդեն պատրաստվում էր կատարելու այս հրամանները, Հռոմից ողբալի լուրեր եկան։ Կայսրի զորավարները՝ դ'Օրանժը, դ'Ալանսոնը և Ֆրունդսբերկը մտել էին սուրբ քաղաքը, ավերել ու կողոպտել էին եկեղեցիները, մատուռները և տները, չխնայելով ո՛չ ոքի՝ ո՛չ քահանաներին, ո՛չ կրոնավորուհիներին, ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին։ Սուրբ հայրը կալանավորված էր։ Մի շաբաթ էր, ինչ կողոպուտը չէր դադարում, և ռեյտարներն ու լանդսկնեխտները շրջում էի Հռոմի փողոցներում, ուտում, խմում, ջարդում, կոտրում էին՝ փնտրելով կարդինալներին և ասելով, թե կտրելու են նրանց մարմնի ավելորդ կաշին, որպեսզի զրկեն նրանց պապ դառնալու իրավունքից։[3] Նրանք ովքեր արդեն կատարել էին այդ սպառնալիքը, հպարտ֊հպարտ զբոսնում էին քաղաքում, կրծքին կախում համրիչներ (տերողորմյաներ) քսանութ կամ ավելի հատիկից, ընկույզի չափ խոշոր և բոլորովին արյունոտ։ Մի քանի փողոցներ դարձել էին կարմիր վտակներ, ուր փռված էին սպանվածների մերկացված դիակները։
Ոմանք ասում էին, թե կայսրը դրամի կարիք ունենալով՝ ցանկացել էր այն որսալ հոգևորականության արյան մեջ և, լսելով, որ իր զորապետները կալանավորված քահանայապետին ստիպել են ստորագրել մի պայմանագիր, հարկադրեց նրան հանձնել իր պետության բոլոր ամրոցները, վճարել 400,000 դուկատ և մնալ բանտում, մինչև իր պայմանգիրը կատարվի։
Սակայն Նորին մեծության վիշտը մեծ լինելով, նա հրամայեց դադարեցնել ուրախության բոլոր պատրաստությունները, տոներն ու խնջույքները և կարգադրեց, որ իր պալատականները սուգի զգեստ հագնեն։
Ու արքայազնը մկրտվեց իր սպիտակ խանձարուրով, որ արքայական սուգի նշան է։ Այդ բանը պալատական տիկինները և պարոնները մեկնաբանեցին չարագուշակ։
Բայց և այնպես թագուհի մայրը արքայազնին ներկայացրեց արքունիքի իշխաններին ու տիկիններին, որպեսզի սրանք, ըստ սովորության, մաղթանքներ ու նվերներ տան նրան։
Տիկին դե լա Սենան նրա վզից կախեց ընկույզի մեծություն ունեցող և ոսկե պատյանի մեջ դրված մի սև քար, որ դեղ է թույնի դեմ։ Տիկին դե Շոֆադը մետաքսե թելով նրա փորի վրա կապեց մի արքայակաղին, որ օգնում է լավ մարսողության։ Պարոն Վան֊դեր Ստին ֆլանդրիացին ընծայեց Գենտի երշիկ, հինգ արմնկաչափ երկարությամբ և կես արմնկաչափ հաստությամբ՝ խոնարհաբար մաղթելով Նորին բարձրությանը, որ այդ երշիկի հոտն առնելիս անգամ նա խիստ ծարավ զգա clauwert֊ի,[4] այսինքն Գենտի ընտիր գարեջրի՝ ասելով, թե ով սիրում է մի քաղաքի գարեջուրը, չի կարող ատել նրա գարեջրագործներին։ Պարոն ախոռապետ Ժակ֊Քրիստափոր Կաստիլիացին խնդրեց արքայազնին կրել իր տոտիկներին կանաչ հասպիս, որպեսզի նրանք լավ վազեն։ Ծաղրածու Յան դը Պապեն, որն այնտեղ էր, ասաց․
― Պարոն, ավելի լավ է՝ տվեք նրան Հեսուի շեփորը, որի ձայնից ամբողջ քաղաքներ էին փախչում նրանից և գնում այլ տեղ հաստատվելու իրենց բոլոր բնակիչներով՝ տղամարդ, կին, երեխա։ Նորին բարձրությունը կարիք չունի վազել սովորելու, այլ՝ ուրիշներին վազեցնել տալու։
Զելանդիայի Վերե նահանգի նախկին իշխան Ֆլորիս վան Բորսելեի ողբացյալ այրին Փիլիպոս արքայազնին ընծայեց մի քար, որն, իր ասելով, տղամարդկանց սիրահար է դարձնում, իսկ կանանց անմխիթար։
Բայց ինֆանտը հորթի նման բառաչում էր։
Այդ ժամանակ Կլաասը ուռենու ոստերից հյուսված, բոժոժներով մի խաղալիք էր տալիս իր որդու ձեռքը և վեր֊վեր նետելով պարեցնում էր Ուլենշպիգելին՝ ասելով․ «Բոժոժներ, երանի միշտ ունենաս գդակիդ վրա զնկլզնկլ բոժոժներ․ չէ՞ որ խեղկատակներին է պատկանում լավ օրերի թագավորությունը»։
Եվ Ուլենշպիգելը ծիծաղում էր։
VIII
Կլաասը մի անգամ որսաց մի խոշոր սաղմոն ձուկ, կիրակի օրը այդ սաղմոնը կերան ինքը, Սոոտիկինը, նաև Կատլինը և փոքրիկ Ուլենշպիգելը, բայց Կատլինը հազիվ մի թռչնի չափ կերավ։
― Կնքամա՛յր, ― ասաց նրան Կլաասը, ― Ֆլանդրիայի օդը մի՞թե այնքան ուժով է հիմա, որ շնչելով միայն կարելի է կշտանալ, ինչպես մսի խորովածից։ Երանի թե մարդս կարողանար ապրել այդպես։ Անձրևը դառնար համեղ ապուր, կարկուտը՝ խաշած բակլա և ձյունը՝ երկնային խորոված ու կազդուրեին խեղճ ուղևորներին։
Կատլինը գլուխը թափ տվեց և ոչինչ չասաց։
― Նայեցե՛ք խեղճ կնքամորը, ― ասաց Կլաասը։ ― Ինչո՞ւ է այդպես տխուր։
Բայց Կատլինը խոսեց այնպես կամաց, որ նրա ձայնը հոգոցի էր նման։
― Չարքը, սև գիշերը, ― ասաց նա։ ― Ես լսում եմ նրա քայլերի ձայնը, նա մոտենում է ինձ՝ կռանչելով գետարծվի նման։ Դողդողալեն ես աղոթում եմ սուրբ կույսին, իզուր․ նրա համար չկա ո՛չ պատ, ոչ ցանկապատ, ո՛չ դուռ, ո՛չ լուսամուտ։ Ոգու նման մտնում է ամեն տեղ, ու ճռճռում է սանդուղքը․․․ նա կողքիս է մառանում, որտեղ քնում եմ։ Բռնում է ինձ իր բազուկներով պաղ, կարծր, ինչպես մարմար։ Դեմքը սառույց է, համբյուրները խոնավ, ինչպես ձյուն։ Խրճիթը տարուբերվում է գետնի վրա, ինչպես նավակը փոթորկալի ծովում․․․
― Պետք է ամեն առավոտ ժամ երթաս, ― ասաց Կլաասը, ― որպեսզի տերն մեր Հիսուս Քրիստոս ուժ տա քեզ քշելու ստորերկրյա աշխարհից եկած այդ ուրվականը։
― Նա այնքա՛ն գեղեցիկ է, ― ասաց Կատլինը։
IX
Երբ մոր կաթից կտրեցին, Ուլենշպիգելը մեծացավ ջահել բարդու նման։ Կլաասն այլևս շուտ֊շուտ չէր համբուրում նրան, այլ սիրում էր լրջաբարո դեմքով, որ տղային երես չտա։
Երբ Ուլենշպիգելը տուն էր գալիս ու գանգատվում, որ իրեն ծեծել են կռվի ժամանակ, Կլաասն ինքն էլ էր նրան ծեծում, ասելով, թե ինչու նա չի ծեծել ուրիշներին։ Այսպես խրատվելով, Ուլենշպիգելը դարձավ քաջարի, ինչպես մի կորյուն։
Եթե Կլաասը բացակա էր լինում, Ուլենշպիգելը Սոոտկինից խնդրում էր մի լիար փող խաղի գնալու համար։ Սոոտկինը բարկանալով ասում էր․ «Ի՞նչ ես անում խաղալը, ավելի լավ կանես, նստես տանը և խուրձ կապես»։
Տեսնելով, որ մայրը ոչինչ չի տալիս, Ուլենշպիգելը ճչում էր արծվի նման, Բայց Սոոտիկինը կաթսաները և կճուճները փայտե տաշտակի մեջ լվանալիս մեծ աղմուկ էր հանում, իբրև թե չի լսում նրան։ Այն ժամանակ Ուլենշպիգելը լալիս էր, և քնքուշ մայրը թողնելով առերես խստությունը, մոտենում էր նրան, փաղաքշում և ասում․ «Մեկ դընիը բավակա՞ն է քեզ»։ Արդ, պետք է գիտենաք, որ մեկ դընիեն արժեր վեց լիար։
Այսպիսով, մայրը չափազանց շատ սիրեց նրան, և երբ Կլաասը չկար, Ուլենշպիգելը թագավոր էր տան մեջ։
X
Մի առավոտ Սոոտկինը տեսավ, որ Կլաասը անցուդարձ է անում խոհանոցում, գլուխը կախ, մտքերի մեջ խորասուզված մարդու կերպարանքով։
― Ի՞նչ է եղել քեզ, ա՛յ մարդ, ― հարցրեց նա։ ― Երեսիդ գույն չկա, բարկացած ես երևում ու ցրված։
Կլաասը պատասխանեց գռմռացող գամփռի ձայնով․
― Դարձյալ կարդալու են կայսերական դաժան հրովարտակները։ Մահը նորից շրջելու է Ֆլանդրիայի երկրում։ Մատնիչները ստանալու են իրենց զոհերի գույքի կեսը, եթե ամբողջ գույքի արժեքը հարյուր ֆլորինից ավել չէ։
― Մենք աղքատ ենք, ― ասաց Սոոտիկինը։
― Ոչ բավականաչափ աղքատ, ― պատասխանեց նա, ― կան ստոր մարդիկ, մեռելների լեշով ապրող ցիներ ու ագռավներ, որոնք սիրով կմատնեն մեզ Նորին սուրբ վեհափառության հետ բաժանելու համար մի զամբյուղ ածուխը նույնքան հաճույքով, որքան մի քսակ ոսկի։ Ի՞նչ ուներ թշվառ Տաննեկենը՝ դերձակ Սեյսի այրին, որը մեռավ Հեյստում, ողջ֊ողջ թաղված։ Լատիներեն մի աստվածաշունչ, երեք ոսկի ֆլորին և մի քանի տնային ամաենղեն անգլիական անագից, որին աչք էր դրել իր հարևանուհին։ Հովհաննա Մարտենսը այրվեց, որպես կախարդուհի, բայց նախ նրան նետեցին ջուրը։ Նկատի ունենալով, որ մարմինը բարձրացել էր ջրի երեսը՝ այդ բանը համարվեց դիվահմայություն։ Այդ կինն ունի մի քանի չնչին կահկարասի, յոթ ոսկի մի քսակի մեջ, ուստի մատնիչը ցանկացել էր ունենալ այդ բոլորի կեսը։ Է՜հ, ես կարող էի քեզ պատմել նման բաներ մինչև վաղը, բայց հերիք է, Ֆլանդրիայում այլևս ապրել չի կարելի հրովարտակների պատճառով․ գնա՛նք այստեղից, սիրելի՛ս։ Շուտով ամեն գիշեր մահվան կառքը կանցնի քաղաքի փողոցներով, և մենք կլսենք նրա մեջ շարժվող կմախքի ոսկորների չոր ձայնը։
Սոոտկինն ասաց․
― Մի վախեցնի ինձ, ա՛յ մարդ։ Կայսրը Ֆլանդրիայի և Բրաբանտի հայրն է, և որպես այդպիսին լի է երկայնամտությամբ, կարեկցությամբ, համբերությամբ և ողորմածությամբ։
― Այդ բաները նրան ձեռնտու չեն, ― պատասխանեց Կլաասը, ― որովհետև նա ժառանգում է հարքունիս գրավված գույքը։
― Շուտով հնչեցին քաղաքային մունետիկի շեփորը և ծնեղան։ Կլաասը և Սոոտիկինը փոխնեփոխ գրկելով Ուլենշպիգելին՝ ժողովրդի բազմության հետ միասին վազեցին դեպի աղմուկի կողմը։
Նրանք հասան Քաղաքապետարան, որի առջև շարվել էին ձիավոր մունետիկները՝ փչելով շեփորները և զարնելով ծնծղաները։ Այդտեղ դատավորը՝ ձեռքին արդարադատության գավազանը, իսկ համայնքի դատախազը՝ ձի հեծած, երկու ձեռքով բռնած կայսեր հրովարտակը, պատրաստվում էր այն կարդալ հավաքված բազմությանը։
Կլաասը երկու ականջով լսեց, որ այսուհետև արգելված է բոլորին առհասարակ և ամեն մեկին մասնավորապես՝ տպագրել, կարդալ, ունենալ կամ պահել Մարտին Լյութերի, Հովհաննես Ուիկլիֆի, Յան Հուսի, Պադուացի Մարսիլիուսի, Էկոլամպադիուսի, Ուլրիկ Ցվինգլիի, Ֆիլիպ Մելանքթոնի, Ֆրանցիսկ Յոնասի, Հավհաննես Պուպերիսի և Գորցիանուսի գրվածնեըր, գրքերը կամ ուսմունքը։ Ադրիան դե Բերհեսի, Քրիստոֆ դը Ռեմոնդայի և Հովհաննես Զելի կողմից տպագրված Նոր Կտակարանները, որոնք լի են լյութերական և այլ հերետիկությամբ, մերժված ու դատապարտված Լյուվենի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի կողմից։
«Նմանապես արգելված է նկարել ու ընդօրինակել տալ աստծո և երանելի կույս Մարիամի ու սրբերի նախատական նկարներ, կամ պատկերներ, կամ թե պատռել, կոտրել կամ ջնջել այն նկարներն ու քանդակները, որոնք կատարված են ի պատիվ կամ ի հիշատակ աստծու, կաույս Մարիամի և կամ եկեղեցու կողմից ընդունված սրբերի»։
«Նաև, ― ասաված էր հրովարտակում, ― թող ոչ ոք, ինչ դիրքի էլ պատկանի, չհանդգնի դատելու կամ վիճաբանելու սուրբ գրքի մասին, նմանապես կասկածելի մի նյութի շուրջը, եթե նա աստվածաբան չէ, հռչակված և հաստատված չէ նշանավոր մի համալսարանի կողմից»։
Նորին սուրբ վեհափառությունը, ի թիվս այլ պատիժների, սահմանում էր, որ կասկածելիներն ընդմիշտ զրկվելու են պատվավոր արհեստով զբաղվելու իրավունքից։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք կրկին ընկնում են մոլորության մեջ կամ համառությամբ չեն հրաժարվում նրանից՝ կդատապարտվեն ողջ֊ողջ այրվելու մարմանդ կամ բարկ կրակի վրա, հարդից շինված մի տան մեջ կամ սյունին կապված, ըստ դատավորի հայեցողության։ Ազնվականները և պատվավոր քաղաքացիները պետք է մահապատժի ենթարկվեն սրով, ռամիկները՝ կախաղանով, իսկ կանայք՝ փոսի մեջ թաղվելով։ Սպանվածների գլուխները պետք է տնկվեն մի սյունի ծայրին որպես օրինակ։ Կայսեր օգտին կբռնգրավվի բոլորի գույքը, որ գտնվում է բռնագրավման ենթակա վայրերում։
Նորին սուրբ վեհափառությունը մատնողներին շնորհում էր մեռածների ամբողջ ունեցվածքի կեսը, եթե այդ գույքի արժեքը միանվագ ավելի չէր ֆրանսիական հարյուր ոսկուց։ Գալով կայսեր բաժնին՝ նա հատկացնում էր դա բարեպաշտական և բարեգործական նպատակների, ինչպես նա այդ կատարեց Հռոմը կողոպտելու ժամանակ։
Եվ Կլաասը տխուր֊տխուր հեռացավ այդ տեղից Սոոտիկինի և Ուլենշպիգելի հետ։
XI
Տարին բարեհաջող լինելով՝ Կլաասը յոթ ֆորինտով գնեց մի էշ և ինը կոթ սիսեռ, ու մի առավոտ հեծավ իր անասունը։ Ուլենշպիգելը նստած էր նրա գավակին։ Այսպես նրանք ճամփա ընկան ողջունելու Ուլենշպիգելի հորեղբորը՝ Կլաասի ավագ եղբայր Յոսե Կլաասին, որն ապրում էր Մեյբորգից ոչ հեռու, Գերմանիայի հողում։
Յոսեն, որ երիտասարդ տարիքում բարեսիրտ և պարզ մարդ էր եղել, անարդար մարդկանց երեսից տանջանքներ կրելով դարձել էր խիստ դյուրագրգիռ․ նրա արյունը սև մաղձի փոխվելով՝ նա սկսել էր ատել մարդկանց և ապրում էր առանձնացած։
Նրա միակ հաճույքն էր կռվեցնել երկու, այսպես կոչված, հավատարիմ բարեկամների ու երեք պատար էր վճարում նրան, ով ավելի սաստիկ էր ծեծում մյուսին։
Նա սիրում էր նմանապես լավ տաքացրած մի սրահում հավաքել մեծ թվով պառավ կանանց, ամենից ջադուներին ու կռվասերներին, և նրանց հյուրասիրում էր խորոված հացով ու անուշահամ գինով։
Վաթսունից ավել տարիք ունեցողներին նա բուրդ էր տալիս, որ մանեն որևէ մի անկյունում՝ պատվիրելով նրանց, որ եղունգները երկար թողնեն։ Հրաշալի էր լսել իլիկը թևի տակ դրած այդ պառավ ջադուների չար խոսքերը, բարբաջանքը, բամբասանքը, թթու հազն ու թուքը, անեծքն ու հայհոյանքը մերձավորի հասցեին։
Երբ նրանք բավական տաքանում ու աշխատում էին, Յոսեն կրակի մեջ էր նետում մի խոզանակ, ու գարշահոտությունից օդը մեկեն ապականվում էր։
Այն ժամանակ պառավները սկսում էին խոսել միանգամից, հարձակվում էին միմյանց վրա ու մեղադրում էին իրար խանձահոտի պատճառ լինելու համար։ Ոչ ոք չէր ընդունում մեղադրանքը, և նրանք բռնում էին միմյանց մազերից, քաշում֊քաշքշում։ Յոսեն էլի խոզանականեր էր նետում կրակի մեջ, իսկ գետնին շաղ էր տալիս կտրված մազեր։ Երբ այլևս ոչինչ չէր կարելի ջոկել, այնքան իրարանցումը կատաղի էր, թանձր ծուխը և փոշին բարձրացած, նա կանչում էր իր երկու ծառաներին, ծպտված քաղաքային ոստիկանների տարազով։ Սրանք մահակներով քշում էին պառավներին սրահից, ինչպես կատաղած բադերի երամ։
Յոսեն դիտելով ռազմադաշտը՝ գտնում էր այնտեղ շրջազգեստի, գուլպաների, շապիկների ծվեններ և մաշված ատամներ։
Ու մելամաղձոտ ասում էր․
― Օրս կորած է, նրանցից ոչ ոք չի թողել տուր ու դմփոցի մեջ իր լեզուն։
XII
Մտնելով Մեյբորգի սահմանը՝ Կլաասը անցնում էր մի փոքր անտառով, էշը, արածելով փշախոտերը, քայլում էր, Ուլենշպիգելը գլխարկը նետում էր թիթեռնիկների հետևից և բռնում էր այն՝ առանց ավանակից իջնելու։ Կլաասը մի կտոր հաց ուտելով՝ մատծում էր դա խմիչքով թրջել մոտակա գինետանը։ Հանկարծ հեռվից լսվեց զանգի ղողանջ և աղմուկ, որ նման էր միաժամանակ խոսող մարդկանց բազմության ձայներին։
― Անկասկած ուխտավորներ են և այն էլ մեծ թվով, ― ասաց նա, ― պի՛նդ կաց, որդի՛ս, որպեսզի նրանք քեզ էշից վայր չգցեն։ Մի տեսնենք, դե՛, հառաջ։
Ու իշուկը տրտինգ տալով վազեց։
Հեռանալով անտառի եզրից՝ նա իջավ դեպի մի լայնարձակ դաշտավայր, որի արևմտյան կողմից մի գետ էր հոսում, իսկ արևելյան կողմը բարձրանում էր մի փոքրիկ մատուռ։ Մատուռի վրա դրված էր աստվածածնի անդրին, իսկ նրա ոտների մոտ՝ երկու քանդակներ, որոնք ներկայացնում էին երկու ցուլ։ Մատուռի աստիճանների վրա կանգնած էին մի ճգնավոր, որը զանգ էր տալիս, հիսուն սպսասավորներ, ամեն մեկի ձեռքին մեկական վառված մոմ, նվագածուներ, այսինքն թմբուկ, փող, սրինգ, պարկապզուկ նվագողներ, փչողներ, զարնողներ և մի խումբ ուրախ մարդիկ՝ երկու ձեռքով բռնած երկաթե կտորներով լիքը թիթեղյա տուփեր, բայց ամենքն էլ առայժմ լուռ էին։
Հինգ հազար, մինչև անգամ ավելի՝ ուխտավորներ, խիտ շարքերում յոթական մարդ, քայլում էին՝ գլխներին սաղավարտներ, ձեռքներին՝ կանաչ փայտե գավազաններ։ Նոր եկողները, նույնպես գլխներին սաղավարտներ, ձեռքներին՝ կանաչագույն գավազաններ, մեծ աղմուկով շարվում էին առաջինների հետևը։ Հետո յոթական մարդ անցնելով մատուռի առջևից՝ օրհնել էին տալիս իրենց գավազանները, ամեն մեկը սպասավորների ձեռքից ստանում էր մեկական մոմ և փոխարենը ճգնավորին վճարում կես ֆլորին։
Ու նրանց թափորն այնքան երկար էր, որ առաջինների մոմերն արդեն վառվել պրծել էին, մինչդեռ վերջինների մոմերը առկայծում էին ճարպի առատությունից։
Կլաասը, Ուլենշպիգելը և ավանակը զարմանքով նայում էին իրենց առջևից անցնող այդ բազմազան փորերին՝ խոշոր, լայն, բարձր, հպարտ, ամուր կամ թուլորեն կախված իրենց բնական հենարանների վրա։ Ու ամենքն էլ սաղավարտով էին։ Կային Տրոյայից բերվածներ՝ փռուգիական գլխարկների նման կամ ծայրին կարմիր մազափնջերով, ոմանք, թեև հաստ թշերով և հաստ փորերով, կրում էին տարածված թևեր ունեցող սաղավարտներ, բայց հազիվ թե նրանք թռչելու մասին գաղափար ունենանյին․ հետո գալիս էին նրանք, որոնց գլուխը ծածկված էր ուռուցիկ՝ սալաթ կոչվող սաղավարտներով, բայց այնքան դեղնած, որ խխունջն անգամ կարհամարհեր նրանց։
Սակայն մեծ մասը ուներ այնքան հին ու ժանգոտած սաղավարտներ, որոնք կարծես պատկանում էին Ֆլանդրիայի և գարեջրի թագավոր Գամբրիվուսի ժամանակին, մի թագավոր, որն ապրել է Քրիստոսի ծնունդից ինը հարյուր տարի առաջ և գլխին դնում էր մի գավ, որպեսզի գարեջուր խմելու համար միշտ ձեռքի տակ աման ունենա։
Հանկարծ հնչեցին, ծլնգացին, թնդացին, զարկեցին, աղմկեցին զանգերը, պարկապզուկները, ծնծղաները, թմբուկները և երկաթի կտորները։
Լսելով այս գոռում֊գոչումը, որն ազդանշան էր ուխտավորների համար, բոցավառ ճրագները մոտեցրին միմյանց քթին։ Սկսվեց մի սոսկալի փռշտոց, կանաչ գավազանները գործի դրվեցին։ Հարվածները տեղում էին անձրևի նման։ Եվ տուր որ կտաս իրար՝ գլխով, ոտքով, կրնկով և ամեն ինչով։ Ոմանք գրոհում էին իրենց հակառակորդների վրա խոյերի նման, սաղավարտը քաշած մինչև ուսերը, կուրացած և կատաղի ընկնում էին դիմացի յոթնյակ ուխտավորների վրա, որոնք նրանց ընդունում էին առանց որևէ մեղմության։
Վախկոտներն ու լալկանները ողբում էին ստացած հարվածներից, բայց մինչդեռ նրանք մրմնջում էին իրենց աղեկտուր «հայր մերը», երկու յոթնյակ ուխտավորներ իրար ծեծլով՝ կայծակի նման արագ հարձակվում էին նրանց վրա և գետին էին տապալում թշվառ լալկաններին, անողորմ կերպով քայլելով նրանց վրայով։
Ու ճգնավորը հռհռում էր։
Ուրիշ յոթնյակներ խաղողի ողկույզների պես իրար գրկած՝ սարահարթի բարձրությունից գլորվում էին մինչև գետը և այնտեղ շարունակում էին տուրուդմփոցը՝ առանց հովացնելու իրենց կատաղությունը։
Ու ճգնավորը հռհռում էր։
Սարահարթի վրա մնացածները խփելով ուռցնում էին միմյանց աչքերը, կոտրում էին ատամները, պոկում էին մազերը, պատռում էին բաճկոնակները և անդրավարտիքները։
Ու ճգնավորը ծիծաղում էր և ասում․
― Քա՛ջ կացեք, բարեկամնե՛ր, ով լավ է խփում, լավ էլ սիրում է։ Շատ ծեծողներին է վայել իրենց գեղեցկուհիների սերը։ Ռինղբիսբելի աստվածածինը վկա, տղամարդն այստեղ է երևում։
Եվ ուխտավորները ոգևորվում էին։
Կլաասը մինչ այդ մոտեցել էր ճգնավորին, այնինչ՝ Ուլենշպիգելը ծիծաղելով ու ճչալով ծափահարում էր կռիվը։
― Տե՛ր հայր, ― հարցրեց նա, ― ի՞նչ մեղք են գործել այս խեղճ մարդիկ, որ ստիպված են այսպես իրար ծեծլ անգթորեն։
Բայց ճգնավորն առանց նրանց ականջ դնելու գոռում էր․
― Անպիտաննե՛ր, ձեր կորովը պակասում է։ Եթե բռունցները հոգնած են, ոտքե՞րն էլ են հոգնած։ Փառք աստծո, ձեր մեջ կան այնպիսի սրունք ունեցողներ, որ կարող են նապաստակի նման փախչել։ Ո՞վ է քարից կայծ հանում ― նրան խփող երկաթը։ Ի՞նչն է ծեր մարդկանց առնական ընդունակությունն աշխուժացնում, եթե ոչ մի լավ ծեծ՝ համեմված արուի կատաղությամբ։
Այս խոսքերը լսելով՝ բարեպաշտ ուխտավորները շարունակում էին իրար ծեծել սաղավարտներով, ձեռքերով ու ոտքերով։ Դա մի ահռելի կռիվ էր, ուր հարյուրաչքանի Արգոսն անգամ ոչինչ չէր տեսնի, բացի բարձրացած փոշուց և մի քանի սաղավարտի ծայրից։
Հանկարծ ճգնավորը հնչեցրեց զանգը։ Սրինգները, թմբուկները, շեփորները, պարկապզուկները և երկաթի կտորտանքները դադարեցին իրենց ժխորը։ Դա խաղաղության ազդանշան էր։
Ուխտավորները հավաքեցին իրենց վիրավորներին։ Սրանց մեջ կային շատերը, որոնց լեզուները կատաղությունից ուռել էին և դուրս էին կախվել բերաններից։ Բայց հետո իրենք իրենց մտան իրենց սովորական կացարանը։ Ավելի դժվարին եղավ հանել մարդկանց սաղավարտները, որ մտել էին մինչև վիզը, սրանք որքան էլ ցնցում էին գլուխները, սաղավարտները չէին ընկնում։
Սակայն ճգնավորն ասում էր նրանց․
― Այժմ ասացեք «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ» և վերադարձեք ձեր կանանց մոտ։ Ինն ամսից գավառում նույնքան շատ երեխաներ կծնվեն, որքան այսօր կտրիճ ախոյաններ եղան ճակատամարտում։
Եվ ճգնավորը երգեց «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ» աղոթքը, և բոլորը երգեցին նրա հետ միասին։ Ու զանգը ղողանջում էր։
Այն ժամանակ ճգնավորն օրհնեց նրանց Ռինդբիսբելի աստվածների անունով և ասաց․
― Երթայք խաղաղությամբ։
Ուխտավորները ճամփա ընկան գոռալով, իրար հրմշտելով և երգելով մինչև Մեյբորգ։ Բոլոր կանայք, թե՛ պառավներ և թե ջահելներ, սպասում էին նրանց դռան շեմքերի վրա, ու նրանք ներս մտան ինչպես հին զինվորները մտնում են գրոհով վերցված քաղաքը։
Մեյբորգի բոլոր զանգերը ղողանջում էին, տղաները սուլում էին, ճչում, նվագում էին rommelpot:[5]
Գավերը, թասերը, բաժակները, շշերը, լտրանոցները զնգզնգում էին հրաշալիորեն։ Եվ գինին վտակներով հոսում էր մարդկանց կոկորդն ի վար։
Մինչդեռ հնչում էին զանգերը, և քամին քաղաքից ծվեններով բերում էր տղամարդկանց, կանանց ու երեխաների երգի ձայնը, Կլաասը խոսեց ճգնավորի հետ և հարցրեց, թե ո՛րն էր այն երկնային շնորհը, որ այդ բարի մարդիկ ակնկալում էին ստանալ այդ տաժանելի մարզանքի միջոցով։
Ճգնավորը ծիծաղելով պատասխանեց նրան․
― Այս մատուռի վրա դու տեսնում ես քանդակված երկու պատկերներ, որոնք ներկայացնում են մի զույգ ցուլ։ Նրանք դրված են այնտեղ ի հիշատակ այն հրաշքի, որ գործեց սուրբ Մարտինը երկու եզներ ցուլերի փոխելով, կռվեցնելով նրանց իրար հետ կատաղի հարվածներով։ Հետո նա մոմով ու կանաչ փայտով շփեց նրանց դունչը մի ժամ և դեռ ավելի։
Իմանալով այդ հրաշքի մասին և արտոնագիր վերցնելով Նորին սրբազանությունից, որի համար լավ վճարեցի, եկա և հաստատվեցի այստեղ։
Այդ օրվանից Մեյբորգի և շրջակայքի բոլոր հաստափորները և ծերունիները, որոնք գտնվում են իմ հովանավորության ներքո, հավատացին, որ իրար սաստիկ ծեծելով մոմով, որը օծման նշան է, և գավազանով, որը ուժ է նշանակում, նրանք կքաղցրացնեն մայր աստվածների աչքը իրենց վրա։ Կանայք այստեղ են ուղարկում իրենց ծերունի ամուսիններին։ Ուխտագնացության շնորհիվ ծնվող երեխաները քաջ են լինում, համարձակ, դաժան, ճարպիկ, ուժեղ և դառնում են կատարյալ զինվորներ։
Հանկարծ ճգնավորը հարցրեց Կլաասին․
― Ճանաչո՞ւմ ես ինձ։
― Այո, ― պատասխանեց Կլաասը, ― դու իմ եղբայր Յոսեն ես։
― Այո, ես եմ, ― ասաց ճգնավորը, բայց ով է այս ճստլիկ մարդը, որ ծամածռություններ է անում երեսիս։
― Եղբորդ տղան է, ― պատասխանեց Կլաասը։
― Ի՞նչ տարբերություն կա իմ և Կառլոս կայսրի միջև։
― Մեծ տարբերություն, ― ասաց Կլաասը։
― Փոքր տարբերություն, ― հարեց Յոսեն, ― որովհետև երկուսս էլ նույն բանն ենք անում, նա մարդկանց իրար սպանել է տալիս, իսկ ես իրար ծեծել, մեր սեփական օգտի և հաճույքի համար։
Հետո նա տարավ նրանց իր ճգնարանը, ուր միասին կերուխում արին տասնմեկ օր անդադար։
XIII
Հրաժեշտ տալով եղբորը՝ Կլաասը նորից հեծավ իր էշհ և Ուլենշպիգելին նստեցրեց գավակին, իր հետևը։ Հասնելով Մեյբորգի հրապարակը՝ նա այնտեղ տեսավ խումբ֊խումբ հավաքված մեծ թվով ուխտավորների, որոնք նրանց տեսնելով սաստիկ զայրացան, գազազեցին և իրենց մահակները ճոճելով բոլորը միանգամից գոռացին․ «անպիտան»։ Պատճառը Ուլենշպիգելն էր, որն արձակելով իր անդրավարտիքը և վեր քաշելով շապիկը՝ նրանց ցույց էր տալիս իր հակառակ կողմը։
Կլաասը տեսնելով, որ իր որդուն են սպառնում, հարցրեց նրան․
— Ի՞նչ ես արել, որ այդպես բարկացած են քեզ վրա։
— Սիրելի՛ հայր, ես նստած եմ ավանակի վրա և ոչ ոքի ոչինչ չեմ ասում, իսկ նրանք ասում են ինձ «անպիտան»։
Այն ժամանակ Կլաասը նրան նստեցրեց իր առջևը։
Այդ դիրքում Ուլենշպիգելը հանեց լեզուն ու ցույց տվեց ուխտավորներին, որոնք գոռգռալով բռունցքները սեղմեցին ու բարձրացնելով մահակները ուզեցին խփել Կլաասին և ավանակին։
Բայց Կլաասը խթանեց իշուն նրանց կատաղությունից ազատվելու համար, ու մինչդեռ նրան հետապնդում էին՝ հևասպառ ասաց իր որդուն․
— Ուրեմն դու շատ դժբախտ մի օր ես ծնվել, որովհետև նստած ես իմ առջև, ոչ ոքի չես նեղացնում, բայց այս մարդիկ ուզում են քեզ սպանել։
Ուլենշպիգելը ծիծաղում էր։
Անցնելով Լիեժից՝ Կլաասը իմացավ, որ գետափնյա խեղճ բնակիչները տառապում են սովից և ենթարկված են օֆիսիալի, այսինքն եկեղեցականներից բաղկացած դատարանի։ Նրանք ապստամբել էին, որպեսզի հաց և աշխարհական դատավորներ ունենային։ Մի քանիսը գլխատվել էին կամ կախվել, ուրիշները՝ արտաքսվել երկրից, այնքան որմեծ էր եղել բարի եպիսկոպոս ամենապատիվ դը լա Մարկի ողորմածությունն այն օրերին։
Կլաասը ճանապարհին տեսավ տարագրվածներին, որոնք փախչում էին Լիեժի խաղաղ հովտից, և քաղաքի մոտակայքում ծառերից կախված մարդկանց մարմինները, որոնց միակ հանցանքն էր քաղցածությունը։ Ու նա ողբաց նրանց վրա։
XIV
Երբ հեծած իր էշը նա տուն վերադարձավ բերելով իր եղբայր Յոսեի տված քսակը՝ լի մանր դրամներով ու նաև մի գեղեցիկ գավ անգլիական անագից, հյուղակում սկսվեցին տոնական և ամենօրյա խնջույքներ ու կերուխում, որովհետև ամեն օր միս և բակլա էին ուտում։
Կլաասը լցնում էր dobbel֊kuyt գարեջուրը և շուտ֊շուտ դատարկում էր անգլիական անագե խոշոր գավը։
Ուլենշպիգելն ուտում էր երեք հոգու չափ և քուջուջ էր անում ափսեների մեջ, ինչպես ճնճղուկը հատիկների կույտում։
― Տեսե՛ք, ― ասում էր Կլաասը, ― նա աղամանն էլ է ուտում։
Ուլենշպիգելը պատասխանում էր․
― Երբ աղամանը, ինչպես մեզ մոտ, շինված է մի կտոր փորված հացից, պետք է երբեմն֊երբեմն ուտել, որպեսզի հնանալով չորդնոտի։
― Ինչո՞ւ ես յուղոտ ձեռներդ քսում շալվարիդ, ― հարցնում էր Սոոտկինը։
― Որպեսզի ազդրերը երբեք չթրջվեն, ― պատասխանում էր Ուլենշպիգելը։
Այդ ժամանակ Կլաասը մի մեծ ումպ գարեջուր էր խմում իր գավից։
Ուլենշպիգելը հարցրեց նրան․
― Ինչո՞ւ քո գավաթն այդքան մեծ է, իսկ իմ բաժակն այսպես փոքր։
Կլաասը պատասխանեց․
Որովհետև ես քո հայրն եմ և տան մեծը։
Ուլենշպիգելն առարկեց․
― Դու քառասուն տարի է, ինչ խմում ես, իսկ ես հազիվ ինը, քո ժամանակն անցել է, իսկ իմ խմելու ժամանակը նոր է գալիս, ուրեմն ինձ է պատկանելու գավը, իսկ քեզ՝ բաժակը։
― Որդի՛ս, ― ասաց Կլաասը, ― ով ուզում է մի տակառը լցնել մի կժի մեջ, նա իր գարեջուրը կթափի առուն։
― Դու էլ քո կուժը լցրու իմ տակառը, որովհետև ես ավելի մեծ եմ, քան քո գավը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Եվ Կլաասը, ուրախ, իր գավը տվեց Ուլենշպիգելին, որ դատարկի․ և այսպես Ուլենշպիգելը սովորեց, թե ի՞նչ պետք է խոսել խմելու համար։
XV
Սոոտկինը իր գոտու տակ զգաց նոր մայրության նշանը․ Կատլինը նույնպես հղի էր, բայց վախից տնից դուրս չէր գալիս։
Սոոտկինը գնաց նրան տեսնելու․
― Ա՜խ, ― ասում էր խեղճ կինը, ― ի՞նչ պետք է անեմ իմ արգանդի թշվառ պտուղը։ Խեղդե՞մ նրան արդյոք։ Ավելի լավ էր մեռնեի։ Եթե ոստիկաններն ինձ բռնեն, որպես արտաամուսնական զավակ ունեցողի, ինձ կհամարեն անառակ կին, կստիպեն վճարել քսան ֆլորին և մտրակով կծեծեն շուկայի հրապարակում։
Սոոտիկինը մի քանի քաղցր խոսք ասաց նրան մխիթարելու համար, հետո տուն վերադարձավ մտազբաղ։
Մի անգամ նա ասաց Կլաասին․
― Եթե ես մեկի փոխարեն երկու երեխա ունենայի՞, դու ինձ կծեծեյի՞ր, ա՛յ մարդ։
― Չգիտեմ, ― պատասխանեց Կլաասը։
― Բայց եթե այդ երկրորդն ինձնից ելած չլիներ, այլ Կատլինի նման, մի անծանոթի, դիցուք չարքի գործը լինե՞ր, ― հարցրեց Սոոտկինը։
― Չարքերը, ― պատասխանեց Կլաասը, ― ծնում են կրակ, մահ և ծուխ, բայց երեխաներ՝ ոչ։ Ես Կատլինի երեխային կընդունեի, որպես իմը։
― Ճի՞շտ ես ասում, ― հարցրեց Սոոտկինը։
― Ես ասացի, ― պատասխանեց Կլաասը։
Սոոտկինը գնաց այդ լուրը տանելու Կատլինին։
Լսելով այդ՝ Կատլինը չգիտեր ինչ աներ ուրախությունից ու գոչեց հրճվագին․
― Բարի մարդը խոսել է, խոսել է իմ խեղճ մարմնի փրկության համար։ Նրան կօրհնի աստված, նրան կօրհնի չարքը, եթե իրավ, ― ասաց Կատլինը դողդողալով, ― չարքն է քեզ ստեղծել, խեղճ փոքրիկ, որ շարժվում ես կրծքիս տակ։
Սոոտկինը և Կատլինը աշխարհ բերին մեկը՝ տղա, մյուսն՝ աղջիկ։ Երկուսին էլ տարան մկրտելու որպես Կլաասի տղան ու աղջիկը։ Սոոտկինի մանչուկի անունը դրին Հանս, բայց նա չապրեց բնավ, Կատլինի աղջնակը կոչվեց Նելե և ապրեց ու մեծացավ։ Նա կյանքի հյութը խմեց չորս սրվակներից՝ մի զույգը Կատլինի, մյուս զույգը Սոոտկինի։ Ու երկու կանայք քաղցրությամբ վիճում էին, թե ով պետք է կաթ տա երեխային։ Սակայն հակառակ իր ցանկությանը՝ Կատլինը ստիպված էր ցամաքեցնել իր կաթը, որպեսզի նրան չհարցնեին, թե որտեղից է նա գալիս առանց մայր լինելու։
Երբ փոքրիկ Նելեն, իր աղջիկը, կաթից կտրվեց, նա վերցրեց նրան իր մոտ և թույլ չտվեց, որ գնա Սոոտկինի մոտ, մինչև որ սովորեց իրեն մայր կանչել։
Դրացիներն ասում էին, թե ունևոր Կատլինը բարի գործ է անում, սնուցանելով Կլաասների երեխային, որոնք սովորաբար աղքատ և չարքաշ կյանք էին վարում։
XVI
Մի առավոտ Ուլենշպիգելը մենակ էր տանը և ձանրույթից մղված նոր կոշիկից նավակ էր շինում։ Նա արդեն տնկել էր գլխավոր կայմը ներբանին և ծակել էր երեսը ցռկակայմն ամրացնելու համար, երբ տեսավ կիսաբաց դռնից մի ձիավորի իրանը և ձիու գլուխը։
― Մարդ կա՞ այստեղ, ― հարցրեց ձիավորը։
― Այո, կա, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― մի մարդ ու կես և մի ձիու գլուխ։
― Ինչպե՞ս թե, ― հարցրեց ձիավորը։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Որովհետև այստեղ ես տեսնում եմ մի ամբողջ մարդ, որը ես եմ, մի մարդու կեսը, դա քո իրանն է, և մի ձիու գլուխ, որը քո տակի անասունն է։
― Ո՞ւր են քո հայրն ու մայրը, ― հարցրեց մարդը։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Հայրս գնացել է վատից վատթարն անելու, իսկ մայրս զբաղված է մեզ ամոթ կամ վնաս պատճառելով։
― Բացատրի՛ր, ― ասաց ձիավորը։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Հայրս այս ժամին իր արտում խոր փոսեր է փորում, որպեսզի ցորենը կոխ տվող որսորդները մեջն ընկնեն, այսինքն վատից վատթարը։ Մայրս գնացել է փող պարտք վերցնելու․ եթե շատ քիչ վերադարձնի՝ ամոթ կլինի, եթե շատ վերադարձնի, վնաս կլինի մեզ համար։
Անծանոթը հարցրեց նրան, թե որ ճանապարհով պետք է գնալ։
― Այնտեղ, ուր բադերն են, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Ձիավորը մեկնեց և վերադարձավ այն պահին, երբ Ուլենշպիգելը Կլաասի երկրորդ կոշիկից թիավարվող ցռկանավ էր շինում։
― Դու ինձ խաբեցիր, ― ասաց նա, ― այնտեղ, ուր բադերն են՝ ճահիճ է ու ցեխ, և իրենք էլ տղմի մեջ թավալվում են։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Ես քեզ չասացի, որ գնաս այնտեղ, ուր բադերը թավալվում են, այլ այնտեղ, ուր նրանք քայլում են։
― Գոնե ցույց տուր ինձ Հեյստ գնացող ճանապարհը, ― ասաց ձիավորը։
― Ֆլանդրիայում ճանապարհորդներն են գնում և ոչ թե ճանապարհները, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
XVII
Մի օր Սոոտկինն ասաց Կլաասին․
― Ա՛յ մարդ, սիրտս ճմլվում է, այս եղավ երեք օր, ինչ Թիլը տնից հեռացել է, չգիտե՞ս ուր է նա։
Կլաասը պատասխանեց տխրությամբ․
― Նա այնտեղ է, ուր թափառական շներն են, մի որևէ մեծ ճանապարհի վրա, իր նման ստահակների հետ միասին։ Աստված անգութ եղավ մեզ այդպիսի զավակ տալով։ Երբ նա ծնվեց, նրա մեջ տեսա մեր ծեր օրերի ուրախությունը, մի աշխատող ձեռք ավելի տան մեջ․ ես հույս ունեի նրան դարձնել աշխատավոր, բայց չար բախտը նրան դարձնում է ահա գող և դատարկապորտ։
― Այդքան խիստ մի՛ լինի, ա՛յ մարդ, ― ասաց Սոոտիկինը, ― մեր տղան հազիվ ինը տարեկան է, դրանք երեխայի խենթություններ են։ Նա պետք է, ծառերի նման, թափի իր թեփերը ճանապարհի վրա, որպեսզի հետո զարդարվի իր տերևներով, որոնք ծառերի առաքինութունն ու պատիվն են։ Նա չար է, ես այդ գիտեմ, բայց նրա չարությունն ապագային կփոխվի նրա օգտին, եթե փոխանակ այն գործածելու վատ նպատակներով, բանեցնի մի որևէ օգտակար արհեստի մեջ։ Նա սիրում է ծաղրել ուրիշներին, բայց հետագայում նա իր տեղը կգրավի մի որևէ ուրախ ընկերակցության մեջ։ Նա ծիծաղում է անդադար, բայց չափահաս լինելուց առաջ թթու դեմք ունենալը բարի գուշակություն չէ ապագա երիտասարդության համար։ Եթե վազում է, նշանակում է մեծանալ է ուզում, եթե չի աշխատում, նշանակում է դեռևս չի հասել այն տարիքին, երբ աշխատանքը պարտականություն է զգացվում, և եթե երբեմն նա դուրսն է մնում գիշեր և ցերեկ՝ շաբաթվա կեսը, նշանակում է, որ չի հասկանում թե ինչ մեծ վիշտ է պատճառում մեզ, որովհետև բարի սիրտ ունի, և սիրում է մեզ։
Կլաասը գլուխն օրորելով՝ ոչինչ չէր պատասխանում, իսկ Սոոտկինը նրա քնելուց հետո մեն մենակ լալիս էր։ Առավոտյան նրան թվում էր, թե իր տղան հիվանդ ընկած է ճանապարհին, և գնում էր նայելու, թե չի՞ գալիս արդյոք, բայց նա չէր երևում։ Նստելով պատուհանի մոտ՝ մայրն այնտեղից նայում էր փողոցը։ Քանի՜֊քանի՜ անգամ նրա սիրտը թռչկոտում էր կրծքի վանդակի մեջ, երբ լսում էր մի փոքրիկ մանչուկի թեթև ոտնաձայնը․ բայց, տեսնելով, որ Ուլենշպիգելը չէ, վշտոտ մայրը լաց էր լինում։
Սակայն Ուլենշպիգելն իր ստահակ ընկերների հետ Բրյուգգեի շուկայում թրև էր գալիս։
Այնտեղ էին կոշկակարներն ու հնակարկատները իրենց կրպակներում, դերձակ հնավաճառները, Անտվերպենի meesevanger-ները, որոնք գիշերը բուի հետ միասին երաշտահավեր են բռնում, թռչնավաճառները, շուն հավաքող թափառաշրջիկները, ձեռնոցի, լանջապանակի ու բաճկոնակի համար կատվի մորթի ծախողները, և ամեն տեսակի գնորդներ, քաղաքացիներ, քաղաքացուհիներ, սպասավորներ և սպասուհիներ, ծախսարարներ, մատակարարներ, խոհարարներ և խոհարարուհիներ, և բոլորը միասին, ծախող և գնող, նայած իրենց վիճակին, գոռում էին, հայհոյում, գովում և վատաբանում ապրանքը։
Շուկայի մի անկյունում կար կտավե գեղեցիկ մի վրան՝ չորս սյուների վրա։ Վրանի մուտքի մոտ Ալոստցի մի ռամիկ, ընկերակցությամբ երկու վանականների, որոնք ներկա էին շահը ստանալու համար․ բարեպաշտը հետաքրքրասերներին մի գրոշով ցույց էր տալիս սուրբ Մարիամ Եգիպտացու ուսի ոսկորի մի կտորը։ Խռպոտ ձայնով նա գովերգում էր այդ սրբուհու արժանիքները՝ չմոռանալով հիշատակել, թե ինչպես նա բնության լավագույն դրամով վարձատրեց իրեն ջրից անցկացնող երիտասարդին, որպեսզի չլինի թե վարձից զրկելով նրան՝ մեղանչի սուրբ հոգու դեմ։
Ու երկու վանականները գլխով նշան էին անում, թե ռամիկը ճիշտ է ասում։ Նրանց կողքին կարմիր թշերով մի հաստլիկ կին, Աստարտեի նման վավաշոտ, սաստիկ ուռցնելով մի անպիտան պարկապզուկ, նվագում էր, մինչդեռ մի սիրունիկ աղջիկ նրա կողքին երգում էր քաղցրաձայն թռչունի նման, բայց ոչ ոք չէր լսում նրանց։ Վրանի մուտքի վերևում երկու կանթերից կախված ճոճվում էր Հռոմի օրհնված ջրով լիքը մի տաշտակ, որի գովքն էր երգում հաստլիկ կինը, մինչդեռ երկու կրոնավորները գլուխները տմբմտբացնում էին նրա խոսքերը հաստատելու համար։ Ուլենշպիգելը նայելով տաշտակին՝ ընկավ մտքերի մեջ։
Վրանի սյուներից մեկին կապված էր մի ավանակ, որը սնված էր երևում ավելի չոր խոտով, քան վարսակով։ Գլուխը կախած, էշը նայում էր գետնին, հույս չունենալով, որ այնտեղ կգտնի բուսած փշախոտեր։
― Տղե՛րք, ― ասաց Ուլենշպիգելը մատնացույց անելով հաստլիկ կնոջը, երկու վանականներին և մելամաղձոտ էշին, ― քանի որ տերերն այդքան լավ են երգում, պետք է ավանակին էլ պարեցնել։
Այդ ասելով նա գնաց մոտակա խանութը, վեց լիարով մի քիչ տաքդեղ գնեց, բարձրացրեց իշու պոչը և տաքդեղը դրեց պոչի տակ։
Էշն զգալով տաքդեղը՝ նայեց պոչի կողմը տեսնելու համար, թե որտեղից է գալիս այդ անսովոր տաքությունը։ Կարծելով, թե հրաշեկ սատանան է նրան այրում, նա ուզեց վազել դևից փախչելու համար, սկսեց գոռալ ու քացի տալ և ամբողջ ուժով ցնցեց սյունը։ Առաջին հարվածը շուռ տվեց տաշտակը և ամբողջ օրհնված ջուրը թափվեց վրանի ու նրա մեջ եղողների վրա։ Վրանը շուտով տապալվեց և թաց կտավով ծածկեց Մարիամ Եգիպտացու պատմությունը լսողներին։ Եվ Ուլենշպիգելն ու իր ընկերները վրանի տակից լսեցին ողբի աղաղակներ, տնքոցներ և անեծքներ, որովհետև այնտեղ մնացած բարեպաշտները մեղադրում էին իրար տաշտակը շուռ տալու մեջ և կատաղաբար ծեծում էին միմանց։ Կտավն ուռչում էր կռվողների իրարանցումից։ Ամեն անգամ, երբ մեկն ու մեկի մարմինը տակից ցցվում և գծագրվում էր կտավի վրա, Ուլենշպիգելը ասեղը կոխում էր այնտեղ։ Այն ժամանակ գոռում֊գոչումն ավելի էր սաստկանում կտավի տակ և հարվածներն ավելի ուժգին էին տեղում։
Շատ զվարճալի էր տեսնել այդ բոլորը, բայց է՛լ ավելի զվարճալի եղավ, երբ ավանակը փախչելով քաշ տվեց իր ետևից կտավը, տաշտակը և սյուները, մինչդեռ վրանի տերը, իր կինն ու աղջիկը կառչել էին իրենց ունեցվածքից։ Էշը, որ այլևս չէր կարող վազել, դունչը ցցելով օդի մեջ շարունակում էր անդադար գեղգեղել, մերթ ընդ մերթ նայելով պոչի կողմը, տեսնելու թե այնտեղ այրվող կրակը չի՞ հանգչելու արդյոք։
Սակայն բարեպաշտները շարունակում էին իրենց տուրուդմփոցը, վանականներն, առանց նրանց ուշադրություն դարձնելու, հավաքում էին պնակներից թափված դրամները, իսկ Ուլենշպիգելը օգնում էր նրանց, ոչ առանց օգտի, բարեպաշտորեն։
XVIII
Մինչդեռ աճում և ուրախ չարաճճիություններով մեծանում էր ածխավաճառի ստահակ տղան, վեհափառ կայսրի վտիտ շառավիղը հազիվ ընձյուղում էր տխեղծ մելամաղձության մեջ։ Պալատական տիկիններն ու պարոնները տեսնում էին նրան վատառողջ՝ Վալյադոլիդի դղյակի սենյակներում ու միջանցքներում քաշ տալիս իր նվաղուն մարմինը՝ խարտյաշ ու ցից մազերով ծածկված խոշոր գլխով, և նրա երերուն ոտները դժվարությամբ էին կրում այդ ծանրությունը։
Անդադար փնտրելով մութ միջանցքներ, նա ժամերով նստած էր մնում այնտեղ՝ ոտքերը մեկնած։ Եթե սպասավորներից մեկը անզգուշությամբ կոխում էր նրա ոտքը, նա մտրակել էր տալիս խեղճին և հաճույք էր զգում՝ լսելով նրա ճիչերը մտրակի հարվածի տակ, բայց ինքը երբեք չէր ծիծաղում։
Հետևյալ օրը նա նույն թակարդը լարում էր մի այլ տեղ, ոտները երկարած նստելով ուրիշ միջանցքում։ Տիկինները, պարոնները և մանկլավիկները շտապ անցնելիս դիպչում էին նրան, վայր ընկնում ու վնասում իրենց։ Նա նույնպես հաճույք էր զգում այդ բանից, բայց երբեք չէր ծիծաղում։
Երբ նրանցից մեկնումեկը սայթաքում էր, բայց չէր ընկնում, նա ճչում էր, ասես իրեն խփել էին, և նա հաճույք էր զգում տեսնելով նրանց սարսափը, բայց երբեք չէր ծիծաղում։
Նորին սուրբ վեհափառությունը տեղեկանալով այս վարմունքի մասին՝ հրամայեց, որ բնավ ուշադրություն չդարձնեն արքայազնին, ասելով, թե եթե նա չի ուզում, որ իր ոտքերը կոխեն, թող չմեկնի այնտեղ, ուր մարդիկ են անցնում։
Այդ դուր չեկավ Ֆիլիպին, բայց նա ոչինչ չասաց, և այլևս նրան չտեսան․ բայց ամառվա պայծառ օրերին նա գնում էր բակը՝ արևի տակ տաքացնելու իր մրսկան մարմինը։
Մի օր, պատերազմից վերադառնալով, Կառլոսը տեսավ նրան կրկին մելամաղձության մեջ։
― Որդյա՛կ, ― ասաց նրան, ― որքա՜ն տարբեր ես դու ինձնից։ Քո տարիքին ես սիրում էի բարձրանալ ծառերը և վազել սկյուռների հետևից․ պարանով կախվում էի թեք ժայռից արծվի ձագերն իրենց բույներից հանելու համար։ Այդ խաղերի մեջ ես կարող էի թողնել իմ ոսկորները, բայց նրանք ավելի ամրացան։ Որսորդության ժամանակ վայրի գազանները փախչում էին թավուտները, երբ տեսնում էին ինձ՝ զինված իմ ընտիր հրահարով։
― Ա՛խ, ― հառաչեց տղան, ― փորս ցավում է, վեհափա՛ռ հայր։
― Պակսարեդի գինին պատվական դեղ է փորացավի դեմ, ― ասաց Կառլոսը։
― Ես գինի չեմ սիրում, գլուխս ցավում է, վեհափա՛ռ հայր։
― Որդյա՛կ, ― ասաց Կառլոսը, ― պետք է վազել, ցատկել և թռչկոտել, ինչպես անում են քո տարիքի երեխաները։
― Ոտքերս չեն ծալվում, վեհափառ հայր։
― Ուրի՞շ ի՞նչ կերպ կարող էր լինել, ― ասաց Կառլոսը, ― եթե դրանք չես գործածում, ասես փայտից լինեն։ Ես քեզ կապել կտամ մի արագընթաց ձիու վրա։
Արքայազնը լաց եղավ․
― Մի՛ կապեք ինձ, ― ասաց նա, ― մեջքս ցավում է, վեհափա՛ռ հայր։
― Ուրեմն քս ամեն տեղը ցավո՞ւմ է, ― հարցրեց Կառլոսը։
― Իմ ոչ մի տեղը չի ցավի, եթե ինձ հանգիստ թողնեն, ― պատասխանեց արքայազնը։
― Չլինի՞ թե միտք ունես քո արքայական կյանքն անցկացնել դպիրների նման երազների մեջ։ Եթե նրանց հարկավոր է՝ իրենց մագաղաթները մրոտելու համար լռություն, առանձնություն և մտամփոփում, քե՛զ, թրի որդուն, հարկավոր է տաք արյուն, լուսանի աչք, աղվեսի խորամանկություն, Հերկուլեսի ուժ։ Ինչո՞ւ ես խաչակնքում, գրողը տանի, առյուծի կորյունին սազական չէ կապկել էգ աղոթամոլներին։
― Երեկոյան ժամերգության զանգերն են, վեհափա՛ռ հայր, ― պատասխանեց արքայազնը։
XIX
Այդ տարին մայիսը և հունիսը ճշմարիտ ծաղկի ամիսներ եղան։ Երբեք Ֆլանդրիայում այդքան անուշաբույր ճերմակ փշածաղիկ չէր բացվել, այգիներում ու պարտեզներում երբեք այդքան փարթամորեն չէին ծաղկել վարդը, հասմիկը և ցախկերասը։ Երբ հովը փչելով Անգլիայից դեպի արևելք էր քշում այդ ծաղկավետ հողի բույրը, ամեն մարդ, մանավանդ Անտվերպենում, քիթը ցցելով օդի մեջ, ուրախ֊ուրախ ասում էր․
― Զգո՞ւմ եք Ֆլանդրիայից փչող դուրեկան քամին։
Ժրաջան մեղուները ծծում էին ծաղիկների քաղցր հյութը, մեղրամոմ էին շինում, ձու ածում փեթակների մեջ, որոնք նեղ էին գալիս նրանց պարսերի համար։ Աշխատանքային ինչպիսի՜ երաժշտություն կապույտ երկնակամարի տակ, որ պայծառորեն ծածկում էր հարուստ երկիրը։
Փեթակներ էին շինում եղեգից, ուռենու ոստերից, ծղոտից, հյուսված խոտից։ Զամբյուղագործները, հյուսները, տակառագործները բթացրին իրենց գործիքներն այդ աշխատանքի վրա։ Իսկ տաշտագործները վաղուց չէին հասցնում։
Պարսերի մեջ կային երեսուն հազարական մեղու և երկու հազարական բոռ։ Մեղրահացերն այնքան անուշահամ էին, որ նրանց հազվագյուտ հատկության համար Դամմեի ավագերեցը նրանցից տասնմեկ հատ ուղարկեց Կառլոս կայսրին, շնորհակալություն հայտնելու նրան՝ իր նոր հրովարտակներով սուրբ հավատաքննությունն ուժի մեջ դնելու համար։ Մեղրահացերը կերավ Ֆիլիպը, բայց դրանից նրան օգուտ չեղավ։
Անպիտան մարդիկ, թափառաշրջիկներն ու մուրացկանները, բոլոր այն ստահակները, որոնք ծուլությունից թրև են գալիս ճանապարհների վրա ու գերադասում են կախվել, քան թե ազնիվ աշխատանքով ապրել, մեղրի հոտն առնելով՝ եկան իրենց բաժինն ստանալու։ Ու նրանք վխտում էին գիշերները։
Կլաասը փեթակներ էր շինել մեղուներին հրապուրելու համար․ մի քանիսը լիքն էին, մյուսները՝ դատարկ, սպասելով պարսերին։ Կլաասը գիշերը մինչև լույս հսկում էր այդ անուշահամ բարիքը պահպանելու համար։ Երբ հոգնում էր, Ուլենշպիգելին պատվիրում էր փոխարինել իրեն։ Սա սիրով համաձայնում էր։
Մի անգամ, գիշերը ցրտից պատսպարվելու համար Ուլենշպիգելը մտավ փեթակներից մեկի մեջ և կուչ եկած նայում էր փեթակի վերևի երկու բացվածքներից։
Նա արդեն սկսել էր մրափել, երբ լսեց ցանկապատի մոտ թփերի խշշոց և երկու մարդկանց ձայներ․ կարծեց թե գողեր են։ Նայելով փեթակի բացվածքից, տեսավ, որ երկուսն էլ մորուքավոր են ու երկար մազերով, չնայած որ մորուքը ազնվականության նշան է։
Նրանք գնում էին փեթակից փեթակ, հետո հասան իր փեթակին ու տեղից շարժելով ասացին․
― Սա վերցնենք, ամենից ծանրն է։
Հետո իրենց գավազանների օգնությամբ վերցրին փեթակն ու տարան։
Ուլենշպիգելին ամենևին դուր չեկավ փեթակով այսպես զբոսնելը։ Պարզկա գիշեր էր, և գողերը քայլում էին անշշուկ։ Ամեն հիսուն քայլին նրանք կանգ էին առնում շնչակտուր, ապա նորից շարունակում ճանապարհը։ Առջևի մարդը կատաղորեն գռմռում էր այդքան ծանր մի բեռ փոխադրելու համար, իսկ հետևինը խղճալի կերպով տրտնջում էր։ Այս աշխարհում երկու տեսակ դատարկապորտներ կան․ նրանք, ովքեր չարանում են աշխատանքի վրա, և նրանք, ովքեր տրտնջում են, երբ հարկ է լինում աշխատել։
Ուլենշպիգելը չիմանալով ինչ անել՝ սկսեց քաշել առջևից քայլող գողի մազերը և հետևից քայլողի մորուքը, այնքան քաշեց, որ գազազածը վերջ ի վերջո ասաց լալկանին․
― Հերիք է մազերս քաշես, թե չէ այնպես կտամ գագաթիդ, որ գլուխդ մտնի կրծքավանդակիդ մեջ և կողաշարնեիդ արանքից դուրս նայես, ինչպես գող կալանավորը բանտի ճաղերից։
― Ես բան չեմ արել, բարեկա՛մ, ― ասում էր լալկանը, ― դու ես մորուքս քաշում ավելի շատ։
Կատաղածը պատասխանեց․
― Քոսոտ մորուքիդ մեջ ոջիլ բռնելու մտադիր չեմ։
― Պարո՛ն, ― ասաց լալկանը, ― այդպես ուժեղ մի՛ շարժեք փեթակը և ցատկեց իր ընկերոջ վրա։ Ու սկսեցին իրար ծեծել, մեկը հայհոյելով, մյուսը՝ գթություն հայցելով։
Ուլենշպիգելը, լսելով հարվածների տեղալը, փեթակից դուրս սողաց, քաշ տվեց այն իր հետևից մինչև մոտակա անտառը և վերադարձավ Կլաասի մոտ։
Այսպես է լինում, երբ խորամանկորեն օգուտ են քաղում ուրիշների կռվից։
XX
Երբ տասնհինգ տարեկան եղավ, Ուլենշպիգելը Դամմե քաղաքում չորս ձողերի վրա մի փոքրիկ վրան տնկեց և հայտարարեց, որ այսուհետև ամեն մարդ այդ վրանում ծղոտե շրջանակի մեջ կարող է ներկայացված տեսնել իր ներկա և ապագա կերպարանքը։
Երբ գալիս էր մի օրենսգետ, հպարտությունից ուռած և փքված, Ուլենշպիգելը գլուխը դուրս էր հանում շրջանակից և, դեմքը, նմանացնելով պառաված մի կապկի դնչի, ասում էր․
― Հին մռութը կփտի, բայց չի փթթի․ ձեր հայելին չե՞մ միթե, պարո՛ն փքված դոկտոր։
Երբ հաճախորդը լինում էր մի հաղթանդամ զինվոր, Ուլենշպիգելը թաքնվում էր ու դեմքի փոխարեն շրջանակի միջից ցույց էր տալիս մի խոշոր ափսեով միս և հաց՝ ասելով․
― Կգնաս կռիվ, կդառնաս խռիվ, ի՞նչ կտաս ինձ իմ գուշակության համար, ո՛վ զինվոր սիրելի, բաժին թնդանոթի։
Երբ մի ճաղատ ծերունի Ուլենշպիգելի մոտ բերում էր ջահել կնոջը, նա, թաքնվելով, ինչպես արել էր զինվորի ժամանակ, շրջանակի միջից ցույց էր տալիս մի փոքրիկ տուփ, որի ճյուղերից կախված էին դանակի կոթեր, արկղիկներ, սանրեր, գրչամաններ՝ բոլորը շինված կոտոշից, և գոչում էր․
― Ինչի՞ց են շինված այս գեղեցիկ բաները, հարգո՛ պարոն, չլինի՞ թե ապաքեն կոտոշենուց, որը բուսնում է ծեր ամուսինների պարտեզում։ Ո՞վ կասի այժմ, թե կոտոշավորներն անօգուտ մարդիկ են հասարակապետության մեջ։
Եվ Ուլենշպիգելը շրջանակի մեջ ցույց էր տալիս իր ջահել դեմքը։
Ծերուկը լսելով այս խոսքերը կատաղությունից սկսում էր հազալ, բայց սիրունիկ տիկինը հանգստացնում էր նրան և ժպտալով մոտենում Ուլենշպիգելին։
― Իսկ իմ հայելին ցույց կտա՞ք ինձ, ― ասում էր նա։
― Ավելի մոտ եկ, ― պատասխանում էր Ուլենշպիգելը։ Սիրունիկը հնազանդվում էր։ Եվ տղան համբուրում էր նրան՝ ուր կարողանար։
― Քո հայելին, ― պատասխանում էր Ուլենշպիգելը, ― ըմբոստ ջահելությունն է, որ ապրում է տղամարդու անդրավարտիքի որոշ մասում։
Ու գեղեցկուհին հեռանում էր՝ չմոռանալով տալ նրան մեկ կամ երկու ֆլորին։
Հաստաշուրթ և գեր վանականին, որը խնդրում էր ցույց տալ իր ներկա և ապագա էությունը, Ուլենշպիգելը պատասխանում էր․
― Դու խոզապուխտի պահարան ես, հետո կդառնաս գարեջրի շտեմարան, որովհետև աղի բաները խմիչք են պահանջում, ճշմարիտ չէ՞, հաստափոր, մի գրոշ տուր, որ սուտ չասացի։
― Որդյակ իմ, ― պատասխանում էր վանականը, ― մենք երբեք դրամ չենք կրում մեզ վրա։
― Ուրեմն դրամն է քեզ կրում, ― պատասխանում է Ուլենշպիգելը, ― որովհետև ես գիտեմ, որ դու փողը պահում ես ոտնամանիդ ներբանների արանքում, ոտքերիդ տակ։ Տուր ինձ քո սանդալը։
Բայց վանականն առարկում էր․
― Որդյակ իմ, մաշիկը վանքապատկան է, բայց և այնպես, ի՛նչ արած, քո նեղության համար երկու պատար կհանեմ։
Վանականը վճարեց, և Ուլենշպիգելն ընդունեց շնորհալի կերպով։
Այսպես ցույց էր տալիս նա Դամմեի, Բրյուգգեի, Բլանկենբերգի և, նույնիսկ, Օտթենդեի բնակիչներին իրենց հայելին։
Ու փոխանակ ֆլամանդերեն ասելու նրանց․ Ik ben u lieden spiegel, այսինքն «Ես ձեր հայելին եմ», նա կրճատ ասում էր․ Ik ben ulen spiegel, ինչպես մինչև այսօր էլ ասում են Արևելյան և Արևմտյան Ֆլանդրիայում։
Այստեղից էլ առաջացավ նրա Ուլենշպիգել մականունը։
XXI
Մեծանալով, նա սիրեց թափառել տոնավաճառներում և շուկաներում։ Երբ տեսնում էր սրինգ, ջութակ կամ պարկապզուկ նվագող մեկին, նա իսկույն խնդրում էր մեկ պատարով սովորեցնել իրեն այդ գործիքների վրա նվագել։
Նա առանձնապես հմտացավ rommelpot նվագելու մեջ, մի գործիք, որը շինված էր մի կճուճից, մի փուչիկից և մի երկար ծղոտից։ Ահա ինչպես էր սարքում նա այդ նվագարանը։ Երեկոյան թրջված փուչիկը քաշում էր կճուճի վրա, մի թելով ամուր կապում էր փուչիկի մեջտեղը ծղոտի հանգույցի շուրջը, որի ծայրը հասնում էր կճուճի հատակին։ Այնուհետև կճուճի բերանի վրա ձիգ էր տալիս փուչիկը՝ պայթելու չափ։ Առավոտյան, երբ փուչիկը չորանում էր՝ զարնելիս դափի նման ձայն էր հանում, և եթե շփեին նվագարանի ծղոտը, նա հնչում էր տավիղից ավելի քաղցր։ Եվ Ուլենշպիգելն իր մռլտան կճուճ նվագարանով, որ երբեմն կաղկանձում էր շան նման, գնում էր դռների առաջ Քրիստոսի ծնունդը երգելու մի խումբ երեխաների ընկերակցությամբ, որոնցից մեկը ձեռքին ուներ փայլուն թղթից շինված մի աստղ։
Եթե մի նկարիչ վարպետ գալիս էր Դամմե նկարելու մի որևէ համքարության ծալապատիկ նստած անդամներին, Ուլենշպիգելը, ցանկանալով տեսնել, թե ինչպես է աշխատում նա, խնդրում էր, որ թույլ տա իրեն նրա ներկերը տրորելով մանրելու և որպես վարձ պահանջում էր միայն մի կտոր հաց, երեք լիար փող և մի գավ գարեջուր։
Ներկերը տրորելիս, նա ուշի ուշով դիտում էր իր վարպետի աշխատանքը։ Երբ նկարիչը բացակա էր լինում, նա փորձում էր նրա նման նկարել, բայց կարմիր ներկը չափազանց շատ էր քսում։ Նա փորձեց նկարել Կլաասին, Սոոտկինին, Կատլինին ու Նելեին, ինչպես նաև ամաններ ու գավեր։ Կլաասը տեսնելով նրա աշխատանքները՝ գուշակեց, որ եթե նա առաջադիմի, կարող է մի օր տասնյակ ֆլորիններ վաստակել՝ մակագրություններ նկարելով speelwagen֊ների վրա, որոնք Ֆլանդրիայում և Զելանդիայում թափառաշրջիկ լարախաղացների սայլալներն են։
Մի վարպետ քարտաշից նա սովորեց փայտից և քարից քանդակելը, երբ այդ վարպետը եկել էր Մայր աստվածածնի տաճարի դասում մի այնպիսի բազմոց կառուցելու, որ եթե հարկ լիներ, ծերունի ավագերեցը կարողանար նստել այնտեղ, բայց աղոթողներին կանգնած երևար։
Ուլենշպիգելն էր, որ առաջին անգամ քանդակեց այն դանակի կոթը, որ գործ են ածում զելանդացիները։ Այդ կոթը թռչնի վանդակի ձև ուներ․ ներսում գտնվում էր շարժական մի զանգ, վերևում՝ մի պառկած շուն։ Այս նշանաբանների իմաստն է․ «Մինչև մահը հավատարիմ սայր»։
Եվ այսպես Ուլենշպիգելն սկսեց իրականացնել Կատլինի գուշակությունը՝ ցույց տալով իրեն որպես նկարիչ, քանդակագործ, ռամիկ, ազնվական, բոլորը միասին․ պետք է ասել, որ Կլաասները՝ հորից որդի, որպես տոհմանշան ունեին երեք արծաթյա գավաթ՝ մուգ գարեջրի ֆոնի վրա։
Բայց Ուլենշպիգելը հարատև չեղավ ոչ մի արհեստի մեջ, և Կլաասը ասաց, որ եթե այդպես շարունակի, նրան դուրս կվռնդի հյուղակից։
XXII
Մի անգամ կայսրը վերադառնալով պատերազմից, հարցրեց, թե ինչո՞ւ իր որդի Ֆիլիպը չէր եկել նրան ողջունելու։
Ինֆանտի (արքայազնի) դաստիարակ արքեպիսկոպոսը պատասխանեց, թե նա չէր ցանկացել, որովհետև սիրում է միայն գրքերը և մենակությունը։
Կայսրը տեղեկացավ, թե որտեղ է գտնվում նա այդ րոպեին։
Դաստիարակը պատասխանեց, որ նրան պետք է փնտրել այն բոլոր վայրերում, ուր խավար է։ Այդպես էլ արին։
Անցնելով բազմաթիվ սրահներից, նրանք հասան, ի վերջո, մի տեսակ նկուղի, որը սալահատակ չուներ և հազիվ լուսավորված էր մի նեղ երդիկով։ Այնտեղ նրանք տեսան գետնի մեջ խրված մի սյուն, որին կապված էր մի շատ փոքրիկ կապիկ, Հնդկաստանից նվեր ուղարկված Նորին բարձրությանը՝ իր ծամածռություններով նրան զվարճացնելու համար։
Սյունի ներքևում ծխում էին դեռևս այրվող փայտի խրձերը և մի անտանելի խանձահոտ բռնել էր ամբողջ նկուղը։
Փոքրիկ գազանը այնքան էր տանջվել այդ կրակի վրա ողջակիզվելիս, որ նրա մարմինը կարծես քիչ առաջ կենդանի արարածի մարմին չլիներ, այլ ավելի շուտ հիշեցնում էր ծռմռված ու խորդուբորդ ծառարմատի մի կտոր, նրա բերանը, որ հոգևարքի մեջ բացվել էր վերջին ճիչը արձակելու, լի էր արյունախառն փրփուրով, և աչքերից վազող արտասուքի կաթիլները թրջել էին երեսը։
― Ո՞վ է արել այս, ― հարցրեց կայսրը։
Դաստիարակը չհամարձակվեց պատասխանել, և երկուսն էլ մնացել էին լուռ, տխուր ու սրտմտած։
Հանկարծ այդ լռության մեջ լսվեց հազի մի թույլ ձայն, որը գալիս էր հետևի մութ անկյունից։ Նորին մեծությունը շուռ եկավ և այնտեղ նկատեց արքայազն Ֆիլիպին, որը բոլորովին սև հագնված, մի կիտրոն էր ծծում։
― Դոն Ֆիլիպ, ― ասաց հայրը, ― մոտեցիր և ողջունիր ինձ։
Տղան չշարժվեց և նայեց նրան իր երկչոտ աչքերով, որոնց մեջ սեր չկար։
Դո՞ւ այրեցիր կրակի վրա այս փոքրիկ գազանին, ― հարցրեց կայսրը։
Արքայազնը հակեց գլուխը։
Կայսրը շարունկեց․
― Եթե դու այնքան անգութ եղար այդ անելու համար, գոնե եղիր քաջ այդ խոստովանելու համար։
Արքայազնը չպատասխանեց։
Նորին մեծությունը խլեց նրա ձեռքից կիտրոնը, գետին շպրտեց, և ուզում էր ծեծել վախից մեզը բաց թողած իր որդուն, երբ արքեպիսկոպոսը կանգնեցրեց նրան և ականջին ասաց․
― Նորին բարձրությունը մի օր կդառնա հերետիկոսների նշանավոր այրող։
Կայսրը ժպտաց, և երկուսն էլ դուրս եկան՝ մենակ թողնելով արքայազնին իր կապկի հետ։
Սակայն կային ուրիշները, որոնք կապիկ չէին, բայց մահ էին գտնում խարույկի բոցերի մեջ։
XXIII
Եկավ նոյեմբերը, խոնավ ամիսը, երբ հարբուխ ունեցողները բավականությամբ են անձնատուր լինում փռշտոցների երաժշտությանը։ Այդ ամիսն է նաև, որ երեխաները խմբերով վազում են շաղգամի արտերը և գողանում են, ինչ կարողանում են՝ ի մեծ զայրույթ գյուղացիների, որոնք զուր են հալածում նրանց մահակներով ու եղաններով։
Մի անգամ երեկոյան, երբ Ուլենշպիգելը վերադառնում էր շաղգամի գողությունից, իրեն մոտիկ ցանկապատի անկյունից լսեց մի հեծեծանք։ Կռանալով՝ նա տեսավ քարերի վրա պառկած մի շնիկ։
― Ահա՛ թե ինչ, խե՛ղճ անասուն, ի՞նչ ես անում դու այստեղ ուշ գիշերով։
Շոյելով անասունին՝ նա զգաց, որ նրա կռնակը թաց է և կարծեց, թե ուզեցել են նրան ջրում խեղդել։ Տաքացնելու համար նա գրկեց շանը։
Երբ տուն հասավ, հարցրեց․
― Մի վիրավոր եմ բերել, ի՞նչ պետք է անել։
― Բուժել, ― պատասխանեց Կլաասը։
Ուելնշպիգելը շունը դրեց սեղանին։ Կլաասը, Սոոտիկինը և նա ճրագի լույսով տեսան լյուքսեմբուրգյան շեկլիկ մի լակոտ, որի կռնակի վրա վերքեր կային։ Սոոտիկինը սպունգով լվաց վերքերը, սպեղանի դրեց և կապեց մաքուր լաթերով։ Ուլենշպիգելը շնիկին տարավ իր անկողինը, թեև Սոոտկինը ցանկանում էր իր անկողնում պահել, վախենալով, որ չլինի թե սատանայի պես շուռ ու մուռ եկող Ուլենշպիգելը քնի մեջ ճխլի շեկլիկին։
Բայց Ուլենշպիգելն իր ասածն արավ և շնիկին այնպես լավ խնամեց, որ վեց օր հետո վիրավորը քայլում էր իր նմանների պես իսկական գամփռի ինքնավստահությամբ։
Եվ schhoolmeester֊ը, այսինքն վարժապետը, շան անունը դրեց Տիտոս Բիբուլոս Շնուֆիուս․ Տիտոս, ի հիշատակ մի ոմն բարի հռոմեական կայսրի, որը սիրով հավաքում էր թափառական շներին, Բիբուլոս՝ այն բանի համար, որ շունը շատ էր սիրում մուգ գարեջուրը, և Շնուֆիուս, որովհետև շարունակ հոտոտելով՝ նա իր դունչը կոխում էր առնետների և խլուրդների որջերը։
XXIV
Մայր եկեղեցու փողոցի ծայրին, մի խոր լճակի ափին իրար դեմ բարձրանում էին երկու ուռենիներ։
Ուլենշպիգելը այդ երկու ծառերի միջև կապեց մի պարան, որի վրա մի կիրակի օր երեկոյան ժամերգությունից հետո նա պարեց այնքան հաջող, որ թափառաշրջիկների բազմությունը ծափահարեց և ուրախ ճիչերով ողջունեց նրան։ Հետո նա իջավ պարանից և ներկաներին մեկնեց մի պնակ, որը շուտով լցվեց մանր դրամներով, բայց նա պնակը դատարկեց Սոոտկինի գոգնոցը և իր համար պահեց միայն տասնմեկ լիար։
Հաջորդ կիրակի նա կրկին ուզեց խաղալ պարանի վրա, բայց մի քանի ստահակ տղաներ նախանձելով նրա ճարպկությանը՝ ծածուկ կտրատել էին պարանը, այնպես որ մի քանի թռիչքներից հետո պարանը կտրվեց, և Ուլենշպիգելը ընկավ ջրի մեջ։
Մինչդեռ նա լողում էր ափին մոտենալու համար, պարանը կտրատող տղաները գոռում էին․
― Ինչպե՞ս է քո ճարպիկ առողջությունը, Ուլենշպիգե՛լ, չե՞ս ուզում իջնել լճակի հատակը ծածաններին պարել սովորեցնելու համար, աննմա՛ն լարախաղաց։
Ուլենշպիգելը դուրս գալով ջրից և թափ տալով իրեն՝ բարձր ձայնով կանչեց, որովհետև նրանք փախչում էին նրանից հարվածներ ստանալու վախից։
Մի՛ վախենաք, կիրակի օրը եկեք, ես ձեզ նոր խաղեր ցույց կտամ պարանի վրա, և դուք ձեր մասը կունենաք շահից։
Կիրակի օրը տղաները չէին կտրատել պարանը, այլ աչալուրջ հսկում էին, որ ոչ ոք ձեռք չտա նրան, որովհետև շատ բազմություն էր հավաքվել։
Ուլենշպիգելը ասաց նրանց․
― Ամեն մեկդ տվեք ինձ ձեր կոշիկը, և ես գրազ կգամ, որքան էլ մեծ կամ փոքր լինեն նրանք, ես կպարեմ նրանցով։
― Ի՞նչ կտաս մեզ, եթե գրազը կորցնես, ― հարցրին տղաները։
― Քառասուն գավ գարեջուր, իսկ դուք կվճարեք ինձ երեքական պատար, եթե ես շահեմ։
― Լավ, ― ասացին նրանք։
Ու ամեն մեկը տվեց նրան իր կոշիկներից մեկը։ Ուլենշպիգելը հավաքեց բոլորը և դրեց գոգնոցի մեջ և այդպես բեռնավորված սկսեց պարել թոկի վրա, բայց ոչ առանց դժվարության։
Պարան կտրողները ներքևից բղավում էին․
― Դու ասացիր, որ կպարես մեր կոշիկներով, ուրեմն հագիր և պահիր գրազի պայմանը։
Ուլենշպիգելը շարունակելով պարել՝ պատասխանեց․
― Ես երբեք չեմ ասել, որ կհագնեմ ձեր կոշիկները, այլ ասել եմ, որ կպարեմ նրանցով։ Նայեցեք, ես պարում եմ և բոլորը պարում են ինձ հետ իմ գոգնոցում, մի՞թե չեք տեսնում գորտերի նման չռած ձեր աչքերով։ Վճարեցե՛ք իմ երեք պատարները։
Բայց տղաները գոռգոռացին՝ հետ պահանջելով իրենց ոտնամանները։
Ուլենշպիգելը սկսեց մեկ առ մեկ ցած նետել կոշիկները մի կույտի մեջ։ Տեղի ունեցավ մի կատաղի ձեռնամարտ, որովհետև ոչ մեկը չէր կարողանում պարզ որոշել և ջոկել իր կոշիկը կույտի մեջ։
Այն ժամանակ Ուլենշպիգելը իջավ ծառից և կռվողներին մի լավ ողողեց, բայց ոչ պարզ ջրով։
XV
Արքայազնը արդեն տասնհինգամյա, սովորականի պես դեգերում էր դղյակի միջանցքներում, սանդուղքների վրա և սենյաակներում։ Բայց ավելի հաճախ նրան տեսնում էին թափառելիս տիկինների շուրջը, որտեղ նա կռիվներ էր սարքում մանկլավիկների հետ, որոնք նրա նման դարանակալ կատուների պես թրև էին գալիս միջանցքներում։ Ոմանք էլ, կանգնած բակում, քթները վեր ցցած՝ քնքուշ սիրո երգեր էին երգում։
Արքայազնը լսելով նրանց երգը՝ երևում էր լուսամուտներից մեկում և վախեցնում էր խեղճ մանկլավիկներին, որոնք իրենց գեղեցկուհիների մեղմանուշ աչքերի փոխարեն տեսնում էին այդ գունատ կերպարանքը։
Պալատական տիկինների մեջ կար մի չքնաղ ֆլամանդուհի, Դամմեին մոտիկ Դյուդզեելե քաղաքից, լիքը, փարթամ մարմնով, հասուն մրգի նման մի գեղեցկուհի՝ կանաչագույն աչքերով և գանգուր շեկ մազերով, որոնք փայլում էին ոսկու նման։ Զվարթ բնավորությամբ և կրակոտ այդ գեղեցկուհին երբեք ոչ ոքից չէր թաքցրել իր հակումը դեպի այն բախտավոր պարոնը, որին նա պարգևում էր իր սիրո երկնային բարիքները վայելելու առանձնաշնորհությունը։ Կար այդպիսի մեկը, գեղեցիկ և հպարտ մի անձնավորություն, որին նա սիրում էր։ Ամեն օր, որոշված ժամին, գեղեցկուհին գնում էր նրա մոտ։ Այդ իմացավ Ֆիլիպը։
Նստած լուսամուտի մոտ դրված նստարանին՝ արքայազնը հետևում էր նրան․ և երբ բաղնիքից ելնելով նա անցնում էր փայլուն աչքերով, բերանը կիսաբաց, իր շուրջը տարածելով բեհեզյա շրջազգեստների հմայիչ շրշյունը՝ արքայազնը առանց վեր կենալու ասաց նրան․
― Տիկին, չէի՞ք բարեհաճի արդյոք մի վայրկյան կանգ առնելու։
Անհամբեր, ինչպես մատակ մի երիվար, որին կանգնեցնում են, երբ նա սրընթաց սլանում է դեպի մարգագետնում վրնջացող գեղեցիկ հովատակը, նա պատասխանեց․
― Ձե՛րդ բարձրություն, այստեղ ամեն ոք պարտ է հնազանդվել ձեր իշխանական կամքին։
― Նստեցեք կողքիս, ― ասաց նա։
Հետո, նայելով նրան վավաշոտ, բիրտ և խորամանկ հայացքով շարունակեց․
― Արտասանեցեք ինձ համար «Հայր մերը» ֆլամանդերեն, ինձ սովորեցրել են, բայց մոռացել եմ։
Խեղճ կինը սկսեց ասել «հայր մերը» և արքայազնը խնդրեց ավելի դանդաղ արտասանել։
Ու այսպես նա ստիպեց թշվառ կնոջը տասն անգամ կրկնել «հայր մերը», մինչ նա կարծում էր, որ հասել է ժամը ուրիշ աղոթքներ ասելու։
Հետո արքայազնը գովեց նրան, խոսեց նրա գեղեցիկ վարսերի, մարմնի պայծառ գույնի, վճիտ աչքերի մասին, բայց չհամարձակվեց հիշելու ո՛չ նրա փարթամ ուսերը, ո՛չ կլորիկ պարանոցը և էլի ուրիշ բաներ։
Երբ տիկինը կարծեց, թե արդեն կարող է գնալ և նայում էր բակի այն կողմը, ուր նրան սպասում էր իր ասպետը, արքայազնը հարց տվեց, արդյոք նա գիտե՞, թե որոնք են կնոջ առաքինությունները։
Եվ որովհետև կինը չէր պատասխանում, վախենալով, որ կարող է սխալվել, արքայազնը խոսեց նրա փոխարեն և խրատական ձևով ասաց․
― Կնոջ առաքինություններն են՝ պարկեշտություն, պատվազգացություն և ժուժկալ կյանք։
Ու խորհուրդ տվեց նրան նմանապես հագնվել համեստորեն և ծածկել իր մարմնի շնորհները։
Կինը գլխով հավանության նշան արեց և պատասխանեց, որ՝ Նորին գերհյուսիսային բարձրության առջև նա կգերադասեր ծածկվել ավելի շուտ արջի տասը մորթիով, քան թե մի կանգուն շղարշով։
Ու իր այդ պատասխանով ամոթահար թողնելով արքայազնին, նա փախավ ուրախ֊ուրախ։
Սակայն երիտասարդության կրակը վառվել էր նաև արքայազնի սրտում, բայց դա այն բոցավառ հուրը չէր, որը դեպի սխրագործություն է մղում ուժեղ հոգիներին, ո՛չ էլ այն մեղմ կրակը, որը արտասուք է քամում քնքուշ սրտերից․ դա մի մռայլ հուր էր՝ եկած դժոխքից, ուր անկասկած սատանան է բորբոքում այն։ Ու շողում էր այդ կրակը նրա գորշագույն աչքերում, ինչպես ձմեռվա լուսինը գերեզմանների վրա, և այրում էր նրան դաժանորեն։
Ոչ ոքի հանդեպ սեր չզգալով՝ թշվառ ծածկամիտը չէր հանդգնում անձնատուր լինել կանանց։ Այն ժամանակ նա գնում էր մի առանձնացած անկյուն, կրով ծեփված մի փոքրիկ սենյակ, լուսավորված նեղ պատուհաններով, որտեղ սովորաբար կրծում էր քաղցրավենիքը, ուր ճանճերը խմբերով գալիս էին փշրանքների համար։ Այնտեղ նա փաղաքշում էր ինքն իրեն և մատներով ճխլտում էր ճանճերին ապակու վրա և հարյուրներով սպանում, մինչև որ մատները սկսում էին այնպես սաստիկ դողալ, որ նա անզոր էր լինում շարունակելու իր արյունալի գործը։ Ու նա մի անարգ հաճույք էր զգում այդ դաժան զվարճությունից, որովհետև վավաշոտությունը և դաժանությունը երկու պիղծ քույրեր են։ Նա այդ սենյակից ելնում էր ավելի տխուր, քան առաջ և ամեն ոք, տղամարդ թե կին, փախչում էին, այդ գունատ իշխանից, ասես նա սնվել էր վերքերի բորբոսներով։
Եվ մռայլ իշխանը տանջվում էր, որովհետև չար սիրտը կրծող տանջանք է։
XXVI
Չքնաղագեղ ազնվականուհին մի օր հեռացավ Վայլադոլիդից և ուղևորվեց իր դղյակը՝ Ֆլանդրիա։
Դամմեից անցնելիս, իր գեր մատակարարողի ուղեկցությամբ, նա տեսավ մի հյուղակի պատի մոտ նստած տասնհինգամյա մի տղա, որը պարկապզուկ էր փչում․ նրա դիմաց կանգնած էր մի շիկավուն շուն, որն ըստ երևույթին չէր սիրում այդ նվագը և մելամաղձորեն ոռնում էր։ Արևը պայծառ փայլում էր։ Պատանու կողքին կանգնած էր փոքրիկ սիրունիկ մի աղջիկ, որն անդադար քրքջում էր շան ամեն մի ողբալի ոռնոցի վրա։
Գեղեցկուհին և գեր մատակարարը հյուղակի առջևից անցնելով՝ նայում էին փչող Ուլենշպիգելին, խնդացող Նելեին և ոռնացող Տիտոս Բիբուլոս Շնուֆիուսին։
― Չա՛ր տղա, ― ասաց տիկինը խոսքն ուղղելով Ուլենշպիգելին, ― ինչո՞ւ ես այդպես չարչարում խեղճ շեկլիկին։
Բայց Ուլենշպիգելը նայելով տիկնոջը՝ ավելի քաջաբար ուռցրեց իր պարկապզուկը։ Ու Բիբուլոս Շնաֆիուսը ոռնաց ավելի մելամաղձոտ, և Նելեն քրքջաց ավելի սաստիկ։
Մատակարարը զայրանալով ասաց տիկնոջը՝ մատնացույց անելով Ուլենշպիգելին․
― Եթե ես իմ թրի պատյանով մի քիչ շփեմ այդ անպիտան արարածին, նա կդադարեցնի այս անպատկառ աղմուկը։
Ուլենշպիգելը նայեց մատակարարին, անվանեց նրան Յան Պապզալ՝ նրա հաստ փորի պատճառով և շարունակեց փչել իր պարկապզուկը։ Մատակարարը քայլեց դեպի նա և սպառնաց բռունցքով, բայց Բիբուլոս Շնուֆիուսը հարձակվեց նրա վրա ու կծեց նրա սրունքը․ մատակարարը վախից ընկավ գետնին ու գոռաց։
― Օգնեցե՜ք։
Տիկինը ժպտալով հարցրեց Ուլենշպիգելին․
― Չե՞ս կարող ասել ինձ, տկճոր ածող, թե Դամմեից Դյուդզեելե տանող ճամփան չի՞ փոխվել արդյոք։
Ուլենշպիգելը, առանց նվագը դադարեցնելու, գլուխը թափ տվեց և նայեց տիկնոջը։
― Ինչո՞ւ ես այդպես անթարթ նայում ինձ, ― հարցրեց տիկինը։
Բայց տղան շարունակելով նվագը՝ չռում էր աչքերը, կարծես հափշտակված ու վերացած անպատմելի հիացմունքի մեջ։
Տիկինն ասաց նրան․
― Չես ամաչում, այդքան ջահել, անթարթ նայում ես կանանց։
Ուլենշպիգելը մի քիչ կարմրեց, շարունակեց փչել և ավելի սևեռուն նայեց նրան։
― Ես քեզ հարցրի, ― հարեց տիկինը, ― թե Դամմերից Դյուդզեելե տանող ճանապարհը չի՞ փոխվել արդյոք։
― Նա այլևս չի կանաչում այն օրից ի վեր, երբ դուք զրկեցիք նրան ձեր քայլերից, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Դու կառաջնորդե՞ս ինձ, ― ասաց տիկինը։
Բայց Ուլենշպիգելը տեղից չէր շարժվում և շարունակ նայում էր նրան։ Իսկ տիկինը ներողամիտ էր, տեսնելով, որ չարաճճիությունը դեռահաս պատանեկության խաղ է։ Ուլենշպիգելը վեր կացավ և քայլերն ուղղեց դեպի տուն։
― Ո՞ւր ես գնում, ― հարցրեց նա։
― Գնում եմ լավ շորերս հագնելու, ― պատասխանեց տղան։
― Գնա՛, ― ասաց տիկինը։
Նա նստեց դռան շեմքի մոտի նստարանին, մատակարարը՝ նույնպես։ Տիկինը կամեցավ զրուցել Նելեի հետ, բայց Նելեն ոչինչ չպատասխանեց, որովհետև խանդում էր։
Ուլենշպիգելը վերադարձավ մաքուր լվացված, նոր բաճկոնով։ Նա լավ տեսք ուներ իր կիրակնօրյա զգեստով, այդ փոքրիկ երիտասարդը։
― Մի՞թե իրոք գնալու ես այդ գեղեցիկ տիկնոջ հետ, ― հարցրեց նրան Նելեն։
― Շուտով կվերադառնամ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ուզում ես, ես գնամ քո փոխարեն, ― ասաց Նելեն։
― Չէ՛, ճանապարհները ցեխոտ են, ― պատասխանեց նա։
― Ինչո՞ւ, ― հարցրեց տիկինը զայրացած և նույնպես խանդելով, ― ինչո՞ւ, փոքրիկ աղջիկ, չես թողնում, որ նա գա ինձ հետ։
Նելեն ոչինչ չպատասխանեց, բայց արցունքի խոշոր կաթիլներ ցայտեցին նրա աչքերից, և նա տխուր ու զայրացած նայում էր գեղեցիկ տիկնոջը։
Չորսով ճամփա ընկան, տիկինը՝ թագուհու նման հեծած իր ճերմակ, սև թավիշով զարդարված նժույգը, մատակարարը, որի փորը քայլելիս վեր֊վեր էր թռչում, Ուլենշպիգելը՝ տիկնոջ ձիու սանձից բռնած, և Բիբուլոս Շնուֆիուսը, որ քայլում էր նրա կողքից՝ պոչը հպարտորեն ցցած։
Այսպես նրանք ձիավայրերով ճամփորդեցին միառժամանակ, սակայն Ուլենշպիգելի սիրտը հանգիստ չէր․ ձկան նման համր, նա ծծում էր կնդրուկի անուշ բուրմունքը, որ գալիս էր տիկնոջից և աչքի պոչով նայում էր նրա գեղեցիկ զարդարանքներին, թանկարժեք գոհարեղեններին և վզնոցներին, նմանապես նրա չքնաղ դեմքին, փայլուն աչքերին, նրա մերկ պարանոցին և մազերին, որոնք արևի տակ պսպղում էին ոսկե գլխանոցի պես։
― Ինչո՞ւ այդքան քիչ ես խոսում, երիտասա՛րդ, ― հարցրեց տիկինը։
Ուլենշպիգելը չպատասխանեց։
― Չեմ կարծում, որ լեզուդ այնքան փակ լինի, որ չկարողանա կատարել իմ մի հանձնարարությունը։
― Օրինակ, ― ասաց Ուլենշպիգելը։
― Այստեղ դու պետք է բաժանվես ինձնից և գնաս Կոոլկերկե, քամու հակառակ կողմը, և հայտնես կարմիր ու սև հագնված մի ազնվական պարոնի, որ այսօր ինձ չսպասի, այլ կիրակի, երեկոյան ժամը տասին ինքը գա իմ դղյակը՝ պարսպի գաղտնի դռնով։
― Չեմ գնա, ― ասաց Ուլենշպիգելը։
― Ինչո՞ւ, ― հարցրեց տիկինը։
― Չեմ գնա, ո՛չ, ― կրկնեց Ուլենշպիգելը։
Տիկինն ասաց նրան․
― Ի՞նչն է թելադրում քեզ այդ չոր համառությունը, փոքրիկ չարացած աքլոր։
― Չեմ գնա, ― ասաց Ուլենշպիգելը։
― Իսկ եթե ես քեզ մեկ ֆլորի՞ն տամ։
― Ո՛չ, ― ասաց նա։
― Մեկ դուկա՞տ։
―Ո՛չ։
― Մեկ կարոլուս։
― Ո՛չ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― և սակայն, ― ավելացրեց նա հառաչելով, ― ես կուզենայի, որ մորս քսակում մի ոսկի լիներ, քան մի խեցի։
Տիկինը ժպտաց, հետո հանկարծ գոչեց․
― Ես կորցրել եմ իմ սիրուն քսակը՝ կարված բեհեզից և ասեղնագործված նուրբ մարգարիտներով։ Դամմեում կախված էր դեռ իմ գոտուց։
Ուլենշպիգելը տեղից չշարժվեց, բայց մատակարարը մոտեցավ տիկնոջը։
― Տիկին, ― ասաց նա, ― այդ փոքրիկ ավազակին մի ուղարկեք փնտրելու, ― որովհետև դուք նրան այլևս երբեք չեք տեսնի։
― Ո՞վ կգնա հապա, ― հարցրեց տիկինը։
― Ես, ― պատասխանեց նա, ― չնայած իմ տարիքին։
Եվ գնաց։
Կեսօր էր, անասելի տոթ, չորս կողմը ամայի։ Ուլենշպիգելը ոչինչ չասաց, բայց հանեց իր նոր բաճկոնը և փռեց, որպեսզի տիկինը կարողանա նստել լորենու շվաքին՝ առանց վախենալու խոտի թացությունից։ Նա մնաց կանգնած գեղեցկուհու կողքին՝ հառաչելով։
Տիկինը նայեց նրան և խղճաց այդ երկչոտ պատանուն, հարցնելով, թե նա չհոգնե՞ց արդյոք այդպես կանգնած մնալով իր մատաղահաս սրունքների վրա։ Նա ոչինչ չպատասխանեց, բայց երբ պիտի ընկներ նրա կողքին, տիկինը, իբր թե ուզենալով բռնել տղային, քաշեց նրան իր մերկ պարանոցի վրա, որտեղ նա հանգչեց այնպիսի մեծ բավականությամբ, որ տիկինը անգթություն համարեց նրան առաջարկել ուրիշ բարձ ընտրել իր համար։
Մինչ այդ մատակարարը վերադարձավ և հայտնեց, որ քսակը չէր գտել։
― Ես ինքս գտա, ― պատասխանեց տիկինը, ― երբ ձիուց իջնում էի, որովհետև վայր ընկնելիս կախվել էր ասպանդակից։ Այժմ, ― ասաց նա Ուլենշպիգելին, ― տար մեզ ուղիղ Դյուդզեելե և ասա՛ ինձ քո անունը։
― Իմ պատրոնն է (պաշտպան սուրբը) պարոն սուրբ Տիլբերտը, մի անուն, որ նշանակում է արագոտն՝ լավ բաների հետևից վազելու համար, ազգանունս է Կլաաս և անունս Ուլենշպիգել։ Եթե դուք նայեք իմ հայելու մեջ, կտեսնեք, որ Ֆլանդրիայի բովանդակ երկրում չկա ձեր բուրումնավետ գեղեցկության պես չքնաղ մի ծաղիկ։
Տիկինը շիկնեց գոհունակությունից և ամենևին չբարկացավ Ուլենշպիգելի վրա։
Իսկ Սոոտկինը և Նելեն լալիս էին այդ երկար բացակայության ժամանակ։
XXVII
Երբ Ուլենշպիգելը վերադարձավ Դյուդզեելից, քաղաքի մուտքի մոտ տեսավ Նելեին, որ թիկն տված պատնեշին կրծում էր սև խաղողի մի ողկույզ։ Մեկ առ մեկ փրցնելով հյութալի հատիկները, նա անկասկած զովանում էր ու հաճույք զգում, բայց նրա դեմքի վրա այդ չէր երևում։ Ընդհակառակը, նա թվում էր բարկացած և խաղողի հատիկները պոկում էր մի տեսակ զայրույթով։ Նա այնքան տխուր էր և դեմքն այնքան մտահոգ, թախծոտ և վշտացած, որ Ուլենշպիգելը համակվեց սիրալիր կարեկցությամբ և մոտենալով նրան հետևից՝ համբուրեց ծոծրակը։
Բայց աղջիկը դրա փոխարեն մի լավ ապտակ հասցրեց նրան։
― Ես բան չեմ հասկանում, ― հարեց Ուլենշպիգելը։
Նելեն հեծկլտում էր։
― Նելե՛, ― ասաց նա, ― մի՞թե աղբյուրներն այժմ գյուղերի մուտքի մոտ են շինելու։
― Հեռո՛ւ գնա, ― ասաց նա։
― Բայց ես չեմ կարող գնալ, եթե դու այդպես լաց լինես, սիրունիկս։
― Ես սիրունիկ չեմ, ― ասաց Նելեն, ― և լաց չեմ լինում։
― Չէ՛, լաց չես լինում, բայց քո աչքերից ջուր է գալիս։
― Գնա՛, ― ասաց աղջիկը։
― Չեմ գնա, ― ասաց նա։
Սակայն աղջիկը դողացող թաթիկներով բռնել էր իր գոգնոցը ու ճմրթում էր, թրջելով այն առատ արցունքներով։
― Նելե՛, ― հարցրեց Ուլենշպիգելը, ― լավ եղանակ շո՞ւտ կլինի։
Ու քաղցր ժպիտով նայեց նրան։
― Ինչո՛ւ ես ինձ հարցնում, ― ասաց աղջիկը։
― Որովհետև, երբ լավ եղանակ է լինում, անձրև չի գալիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Գնա՛ քո գեղեցիկ տիկնոջ մոտ, որ բեհեզյա շրջազգեստ ունի, ― ասաց Նելեն, ― դու նրան բավականին զվարճացրիր։
Այն ժամանակ Ուլենշպիգելը երգեց․
Երբ արցունք է յարս թափում՝
Հազար կտոր է սիրտս լինում․
Մեղր է նա միշտ ծիծաղելիս,
Մարգարիտ է արտասվելիս։
Բայց ես սիրում եմ նրան միշտ։
Ձեզ հրամցնեմ առատ գինի,
Անուշ գինի մեր Լուվենի։
Ձեզ հրամցնեմ կարմիր գինի՝
Երբ որ Նելեն իմ ծիծաղի։
Գռեհի՛կ մարդ, ― ասաց Նելեն, ― դու դեռ ինձ ծաղրո՞ւմ ես։
― Նելե՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― ես մարդ եմ, բայց ոչ գռեհիկ, որովհետև մեր ազնվական տոհմը, ատենակալների գերդաստանը, իր տոհմանշանի վրա կրում է երեք արծաթյա գավաթներ մուգ գարեջրի ֆոնի վրա։ Նելե, մի՞թե ընդունված է, որ Ֆլանդրիայի երկրում համբյուրներ ցանեն և հնձեն ապտակներ։
― Ես չեմ ուզում խոսել քեզ հետ, ― ասաց նա։
― Որ այդպես է, ինչո՞ւ ես բերանդ բաց անում և ասում այդ։
― Ես չարացած եմ, ― պատասխանեց Նելեն։
Ուլենշպիգելը բռունցքի մի թեթև հարված տվեց նրա մեջքին։
― Պաչի՛ր չար աղջկան, նա քեզ կկծի, ծեծի՛ր չար աղջկան, նա քեզ կօծի։ Օծի՛ր ինձ ուրեմն, Նելե՛, քանի ես քեզ ծեծեցի։
Նելեն շուռ եկավ։ Տղան բացեց թևերը ու նա ընկավ նրա գիրկը դեռևս հեկեկալով ասաց․
― Դու էլ չես գնա այնտեղ, չէ՞ Թի՛լ։
Բայց նա չպատասխանեց, որովհետև զբաղված էր աղջկա խեղճ, դողդոջուն մատները սեղմելով և իր շրթունքներով Նելեի աչքերից թափվող ջերմ արցունքները սրբելով, որ նման էին փոթորկի ժամանակ տեղացող անձրևի խոշոր կաթիլներին։
XXVIII
Այդ ժամանակներում ազնվական քաղաք Գենտը մերժեց վճարել տուրքի իր բաժինը, որ պահանջում էր նրանից իր որդին՝ Կառլոս կայսրը։[6] Նա չէր կարող, որովհետև Կառլոսը սպառել էր նրա ամբողջ դրամը։ Դա մի մեծ ոճրագործություն էր, և նա վճռեց գնալ ու պատժել անձամբ այդ քաղաքը։
Արդ, որդու գավազանը ավելի մեծ ցավ է պատճառում մորը, քան որևէ այլ հարված։
Նրա թշնամին՝ Ֆրանսուա Երկայնաքիթը առաջարկեց նրան անցել Ֆրանսիայի հողով։ Կառլոսն այդպես էլ արեց, և փոխանակ այնտեղ նրան գերի վերցնելու՝ մեծարեցին կայսերական պատիվներով։ Դա վեհափառական համաձայնություն է իշխանների միջև՝ օգնել իրար ընդդեմ ժողովուրդների։
Կառլոսը երկար ժամանակ կանգ առավ Վալանսիենում, առանց բարկության նշաններ ցույց տալու։ Գենտը, նրա մայրը, ապրում էր աներկյուղ, հավատալով, որ որդին կների իրեն իրավունքի համաձայն վարվելու համար։
Կառլոսը չորս հազար ձիավորով հասավ քաղաքի պարիսպներին։ Նրա հետ էին Ալբայի դուքսը, ինչպես նաև Օրանժի իշխանը։ Հասարակ ժողովուրդը և մանր արհեստավորները կուզենային արգելել որդիական այդ այցելությունը և ոտքի հանել ութսուն հազար քաղաքաբնակների ու գյուղականների, բայց hooghpoorters կոչված խոշոր քաղքենիները դրան հակառակվեցին՝ վախենալով ռամիկների գերակշռությունից։ Գենտը այդպիսով կարող էր մաս֊մաս բրդել իր որդուն և նրա չորս հազար այրուձին, բայց քաղաքը սիրում էր նրան և նույնիսկ մանր արհեստավորներն սկսել էին վստահություն տածել։
Կառլոսը նույնպես սիրում էր նրան, բայց այն դրամի համար, որ դիզել էր նրանցից իր արկղներում և ուզում էր էլի ունենալ։
Տեր դառնալով քաղաքին՝ նա ամեն տեղ հաստատեց զինվորական պահակակետեր և հրամայեց, որ Գենտում գիշեր ու ցերեկ շրջեն պահակախմբերը։ Հետո մեծ հանդիսավորությամբ նա արձակեց քաղաքի դատավճիռը։
Քաղաքի մեծամեծները պարանը վզներին ներկայացան նրա գահի առաջ՝ հրապարակավ խոստովանելու իրենց հանցանքը և թողություն խնդրելու։ Գենտը հայտարարվեց հանցավոր՝ ծանրագույն ոճիրների մեջ, այն է՝ նենգություն, ուխտադրժություն, խռովություն, ապստամբություն և պետական դավաճանություն։ Կայսրը չեղյալ հայտարարեց բոլոր և ամեն տեսակի առանձնաշնորհումները, իրավունքները, արտոնությունները, սովորությունները և կարգերը՝ հրամայելով և պարտադրելով ապագայի համար, ասես աստված լիներ, որ այսուհետև իր հաջորդները իշխանության գլուխ բարձրանալով պետք է երդվեին ոչինչ չպահպանել, բացի ճորտության արտոնությունից՝ caroline concession ― իր կողմից շնորհված այդ քաղաքին։
Նա հիմնահատակ կործանել տվեց Սեն֊Բավոնի աբբայարանը, նրա տեղը կառուցել տվեց մի ամրոց, որտեղից հնարավոր լիներ ըստ հաճույս, արկերով պատառոտել իր մոր՝ հարազատ քաղաքի կուրծքը։
Որպես ժառանգելու շտապող բարի որդի, նա գրավեց Գենտի ողջ կայքը, եկամուտները, տները, հրետանին, ռազմամթերքը։
Գտնելով, որ քաղաքը շատ լավ է պաշտպանված, նա քանդել տվեց Կարմիր աշտարակը, Քարադոդոշի բուրգը, Բրաամպոորտը, Ստինպոորտը, Վաալպորտը, Կետելպոորտը և շատ այլ դարպասներ, բոլորն էլ կառուցված և նրբորեն քանդակված, որպես քարակերտ գոհարեղեն։
Այնուհետև, երբ օտարները գալիս էին Գենտ, հարց էին տալիս միմյանց․
― Այս ավերակ և տխուր քաղա՞քն է, որի մասին հրաշքներ էին պատմում։
Իսկ գենտցիները պատասխանում էին․
― Կառլոս կայսրը քանդեց քաղաքի թանկագին գոտին։
Եվ այս ասելով, նրանք ամոթ ու զայրույթ էին զգում։ Իսկ դարպասների փլատակներից կայսրը աղյուսներ էր հանում իր բերդի համար։
Նա ուզում էր, որ Գենտն աղքատանա, որովհետև այդպիսով քաղաքն անզոր կլիներ իր աշխատանքով, արդյունագործությամբ ու դրամով դիմադրելու իր նպատակներին։ Նա կարգադրեց նրան վճարելու չմոռացած տուրքը՝ չորս հարյուր հազար ոսկի ֆլորին և բացի այդ, հարյուր հիսուն հազար ոսկի միանվագ և տարեկան վեց հազար ոսկի որպես մշտնջենական հարկ։ Քաղաքը մի ժամանակ նրան դրամ էր փոխ տվել, կայսրը պարտավոր էր վճարել քաղաքին տարեկան հարյուր հիսուն լիվի ռենտա։ Նա բռնի ուժով ստիպեց վերադարձնել պարտամուրհակները, և այդպիսով վճարելով իր պարտքը՝ նա հարստացավ աներկբայորեն։
Գենտը շատ անգամ էր սիրել ու օգնել նրան, բայց նա դաշույնը մխեց նրա կուրծքը՝ այնտեղից արյուն հանելու, որովհետև բավականաչափ կաթ չէր գտել այնտեղ։
Հետո նա նայեց «Ռոլանդին», քաղաքի գեղեցիկ զանգին, և հրամայեց կախել նրա լեզվակից այն մարդուն, որն ահազանգ էր հնչել՝ քաղաքին կոչ անելով պաշտպանել իր իրավունքը։ Նա ամենևին չգթաց «Ռոլանդին», իր հպարտ զանգին, որը ղողանջում էր ինքն իր մասին․
Երբ հնչեմ՝ նշան է դա հրդեհի,
Երբ ղողանջեմ՝ նշան է դա փոթորկի,
Որ պայթել է քաղցրիկ երկրում Ֆլանդրիայի։
Գտնելով, որ իր մայրը շատ բարձր է խոսում, նա վերացրեց զանգը։ Ու տափարակ երկրի մարդիկ ասացին, թե Գենտը մեռած է, որովհետև իր որդին երկաթե աքցանով պոկել է նրա լեզուն։
XXIX
Գարնան պայծառ և հովասուն օրեր էին, երբ երկիրը սեր էր շնչում։ Սոոտկինը բաց լուսամուտի առաջ կարում էր, Կլաասը քթի տակ մի երգ էր մրմնջում, մինչդեռ Ուլենշպիգելը Տիտոս Բիբուլոս Շնուֆիուսի գլխին դատավորի գդակ էր դրել։ Շունը թաթերը խաղացնում էր, կարծես ցանկանալով դատավճիռ արձակել, բայց գդակից ազատվելու համար էր դա։
Հանկարծ Ուլենշպիգելը փակեց լուսամուտը, վազեց սենյակ, ցատկեց աթոռների և սեղանների վրա, ձեռքերը մեկնած դեպի առաստաղը։ Սոոտկինը և Կլաասը տեսան, որ նա այդպես չարչարվում է, որպեսզի բռնի մի սիրուն փոքրիկ թռչուն, որը վախից ծվծվալով և դողդողացող թևերով կուչ էր եկել առաստաղի մի անկյունում, գերանին կպած։
Ուլենշպիգելը նրան բռնելու վրա էր, երբ Կլաասը աշխուժորեն ասաց նրան․
― Ինչո՞ւ ես այդպես թռչկոտում։
― Որպեսզի բռնեմ, դնեմ վանդակի մեջ, հատիկներ տամ և երգել սովորեցնեմ ինձ համար, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Սակայն թռչնիկը անձկությունից ճչալով թռչկոտում էր սենյակում, գլուխը խփելով լուսամուտի փեղկերին։
Ուլենշպիգելը շարունակում էր ցատկոտել, բայց Կլաասը իր ձեռքը ծանրորեն դրեց նրա ուսին։
― Բռնի՛ր նրան, ― ասաց նա, ― դի՛ր վանդակի մեջ, թող երգի քեզ համար, բայց ես էլ քեզ կփակեմ երկաթե ձողերով մի վանդակի մեջ ու երգել կտամ։ Դու սիրում ես վազել, բայց չես կարող, ստվերի մեջ կմնաս՝ երբ ցուրտ լինի, արևի տակ՝ երբ շոգես։ Հետո մի կիրակի օր մենք դուրս կգանք տնից, մոռանալով քեզ ուտելիք տալ, և կվերադառնանք միայն հինգշաբթի օրը և վերադարձին Թիլին կգտնենք մեռած սովից, բոլորովին սառած։
Սոոտկինը լալիս էր, Ուլենշպիգելը խոյացավ։
― Ի՞նչ ես անում, ― հարցրեց Կլաասը։
― Լուսամուտ եմ բաց անում թռչունի համար, ― պատասխանեց նա։
Արդարև թռչունը, որ կարմրակատար էր, թռավ լուսամուտից դուրս և մի ուրախ ճիչ արձակելով նետի պես սլացավ օդի մեջ, հետո գնաց թառելու մոտակա խնձորենու վրա, կտուցով հարթեց իր թևերը, թափ տվեց փետուրները և չարացած, թռչնի իր լեզվով սկսեց նախատել Ուլենշպիգելին։
Այն ժամանակ Կլաասն ասաց նրան․
― Որդի՛ս, մի՛ զրկիր երբեք մարդուն կամ անասունին իր ազատությունից, որը մեծագույն բարիքն է այս աշխարհի վրա։ Թո՛ղ ամեն ոք գնա արևի տակ, երբ մրսում է, ստվերի մեջ՝ երբ շոգում է։ Ու թող աստված դատի Նորին մեծությանը, որ շղթայել է ազատ հավատը Ֆլանդրիայի երկրում, ազնվական քաղաք Գենտը փակել է ստրկության մեջ։
XXX
Ֆիլիպը ամուսնացել էր Պորտուգալիայի Մարիա իշխանուհու հետ, որի կալվածները միացրեց Իսպանիայի թագին։ Նրանից նա ունեցավ դոն Կառլոսը, դաժան խելագարը։ Բայց նա չէր սիրում իր կնոջը։
Թագուհին հիվանդացել էր ծննդաբերության հետևանքով։ Նա պառկած էր անկողնում, կողքին ունենալով պալատական տիկիններ, որոնց մեջ՝ Ալբայի դքսուհին։
Ֆիլիպը հաճախ մենակ էր թողնում կնոջը և գնում դիտելու, թե ինչպես են այրում հերետիկոսներին։ Բոլոր պալատականները հետևում էին նրա օրինակին, ինչպես նաև Ալբայի դքսուհին, թագուհու ազնվատոհմ հիվանդապահուհին։
Այդ ժամանակ ինկվիզիցիայի պաշտոնյաները բռնել էին ֆլամանդացի մի անդրիագործի, դավանությամբ կաթոլիկ, որովհետև մի վանական մերժել էր վճարել նրան տիրամոր փայտե արձանի համար պայմանավորված գինը, և քանդակագործը դուրով խփել էր արձանի դեմքին՝ ասելով, որ գերադասում է ոչնչացնել իր աշխատանքը, քան թե ծախել այն ստոր արժեքով։
Վանականի կողմից նա մեղադրվեց որպես պատկերաբեկ հերետիկոս, ենթարկվեց անլուր չարչարանքի և դատապարտվեց ողջ֊ողջ այրվելու։
Չարչարանքի ընթացքում այրել էին նրա ոտքի ներբանները, և բանտից դեպի խարույկ տանող ճանապարհին, san benito֊ով[7] ծածկված, նա գոռում էր․
― Կտրե՛ք ոտքերս, կտրե՛ք ոտքերս։
Ու Ֆիլիպը հեռվից լսելով այդ աղաղակը՝ հրճվում էր, բայց բնավ չէր ծիծաղում։
Մարիա թագուհու պալատական տիկինները թողին նրան անկողնում և գնացին մահապատժին ներկա լինելու․ նրանց հետևեց Ալբայի դքսուհին, որը լսելով անդրիագործի ճիճերը՝ ցանկացավ դիտել այդ տեսարանը և մենակ թողեց թագուհուն։
Ֆիլիպը, նրա բարձրաստիճան սպասավորները, իշխանները, կոմսերը, ասպետները և տիկինները ներկա էին։ Անդրիագործին երկար շղթայով կապեցին մի սյունի, որը ցցված էր չոր դարմանի և ցախի խրձերից կազմված բոցավառ մի շրջանակի կենտրոնում, որպեսզի դատապարտվածը կարողանա հեռու մնալ բարկ կրակից և խորովվի դանդաղորեն։
Ու նայում էին նրան հետաքրքրությամբ, թե ինչպես համարյա մերկ այդ մարդը հավաքելով իր հոգու ուժերը՝ պետք է դիմանա անտանելի կրակին։
Այդ ժամանակ Մարիա թագուհին ծարավ զգաց ծննդաբերության անկողնում։ Ափսեի վրա տեսավ սեխի կես մասը։ Անկողնուց ելնելով, քարշ եկավ մինչև այդ ափսեն և վերցնելով սեխը՝ ամբողջը կերավ։
Հետո սառը սեխից ցուրտ զգալով՝ սկսեց դողալ ու քրտնել, թուլացած ընկավ հատակին, չկարողանալով տեղից շարժվել։
― Ա՜խ, ― հառաչում էր նա, ― ես կտաքանայի, եթե մեկն ինձ պառկեցներ անկողնում։
Հանկարծ նա լսեց թշվառ անդրիագործի աղաղակը։
― Կտրե՛ք ոտքերս։
― Օ՛, այդ շո՞ւն է արդյոք, որ ոռնալով ինձ մահ է գուշակում, ― ասաց թագուհին։
Այդ րոպեին քանդակագործն իր շուրջը տեսնելով լոկ իսպանացիների թշնամական դեմքեր՝ մտածեց Ֆլանդրիայի, այդ առնական երկրի մասին, թեևերը խաչաձևեց և հետևից քարշ տալով երկար շղթան, մոտեցավ ծղոտի և ցախի բոցավառ խուրձերին և կանգնելով նրանց վրա, բացականչեց․
― Ահա այսպես են մեռնում ֆլամանդացիկ իսպանական դահիճների դիմաց։ Կտրե՛ք ոտքերը․ բայց ոչ թե իմ, այլ նրանց, որպեսզի չվազեն մարդասպանության։ Կեցցե՜ Ֆլանդրիան, հավերժական Ֆլանդրիան։
Ու նա մեռավ։
Մարիա թագուհին դողդողում էր ամբողջ մարմնով․ նա լաց եղավ, ատամները խփվում էին իրար մոտակա մահվան սարսուռից, և նա ասաց՝ մեկնելով ոտքերն ու ձեռքերը․
― Պառկեցրե՛ք ինձ իմ անկողնում, ես ուզում եմ տաքանալ։
Ու նա մեռավ։
Եվ այսպես, բարի կախարդուհի Կատլինի գուշակության համաձայն, Ֆիլիպը սփռում էր ամենուրեք մահ, արյուն և արտասուք։
XXXI
Իսկ Ուլենշպիգելը և Նելեն սիրում էին միմյանց։
Ապրիլի վերջն էր, ծառերը ծաղկել էին, բոլոր բույսերը հյութով լցված սպասում էին մայիսին, որը գալիս էր երկրի վրա սիրամարգի պես գունզգույն, որպես ծաղկեփունջ հոտավետ, ու երգել տալիս սոխակներին այգիներում։
Հաճախ Ուլենշպիգելն ու Նելեն երկուսով թափառում էին ճամփաներում։ Նելեն բռնում էր Ուլենշպիգելի թևը ու իր երկու ձեռքերով կարչում նրանից։ Ուլենշպիգելը հաճույք էր զգում այդ զվարճությունից և հաճախ իր թևով գրկում էր Նելեի մեջքը, որպեսզի, ինչպես ասում էր պահի նրան։ Ու աղջիկը երջանիկ էր, բայց բնավ չէր խոսում։
Հովը մեղմորեն տարածում էր ճամփաների վրա մարգագետինների բույրը, ծովը հեռվում մռնչում էր ծուլորեն արևի տակ։ Ուլենշպիգելը հպարտ էր փոքրիկ սատանայի պես, իսկ Նելեն՝ հրճվանքից ամոթխած դրախտի փոքրիկ սրբուհու նման։
Նա հենում էր գլուխը Ուլենշպիգելի ուսին, իսկ տղան բռնելով նրա ձեռքերը՝ քայլելիս համբուրում էր նրա ճակատը, այտերը և գողտրիկ բերանը։ Բայց Նելեն ոչինչ չէր ասում։
Մի քանի ժամ անց նրանք շոգում էին և ծարավում, կաթ էին խմում մի գյուղացու տանը, բայց այդ նրանց չէր զովացնում։
Ու նրանք նստում էին զառիթափի եզերքին, կանաչի վրա։ Նելեն բոլորովին գունատ էր ու մտախոհ։ Ուլենշպիգելը երկյուղով նայում էր նրան․
― Դու տխո՞ւր ես, ― ասում էր աղջիկը։
― Այո, ― ասում էր նա։
― Ինչո՞ւ, ― հարցնում էր Նելեն։
― Չգիտեմ, ― պատասխանում էր նա, ― բայց այս ծաղկած խնձորենիներն ու բալենիները, այս գաղջ օդը կարծես բեռնավորված կայծակների հրով, մարգերում փթթած այս մարգարտածաղիկները, մեր այգում ցանկապատի վրա բացված փշածաղիկը, բոլորովին ճերմակ․․․ Ո՞վ կասի ինձ, թե ինչու եմ այսպես հուզված և միշտ պատրաստ մեռնելու կամ ննջելու։ Սիրտս այնքան ուժգին է խփում, երբ լսում եմ ծառերի մեջ արթնացող թռչունների ձայնը և նայում եմ վերադարձող ծիծեռնակներին․ այն ժամանակ ես ուզում եմ գնալ ավելի հեռուն, քան արևն ու լուսինը։ Մեկ տաք եմ զգում, մեկ ցուրտ, ա՜խ Նելե, ես կուզեի այս աշխարհից չլինել այլևս կամ հազար կյանք բաշխել նրան, ով ինձ սիրե․․․
Սակայն Նելեն չէր խոսում, նա ժպտում էր հաճույքից և նայում Ուլենշպիգելին։
XXXII
Մեռելոցի տոնի օրը Ուլենշպիգելը իր տարիքի մի քանի ստահակների հետ միասին դուրս եկավ Մայր֊աստվածածնի տաճարից։ Լամմե Գուդզակը մոլորվել էր նրանց մեջ, ինչպես մի գառնուկ գայլերի ոհմակում։
Լամմեն առատորեն վճարեց նրանց բոլորի խմած գարեջրի գինը, որովհետև նրա մայրը ամեն կիրակի և տոն օրերին տալիս էր նրան երեք պատար։
Ընկերներով նրանք գնացին in den Rooden Schildt «Կարմիր վահան» գարեջրատունը, Յան վան Լիբեկի մոտ, որը նրանց մատուցեց Կուրտրեի dobbel-koollaert:[8]
Երբ խմիչքը նրանց գլուխը տաքացրեց, խոսեցին աղոթքների մասին․ Ուլենշպիգելը հայտարարեց կտրուկ կերպով, որ մեռելոցի տոնի պատարագները օգուտ են բերում միայն իրենց՝ քահանաներին։
Բայց խմբի մեջ մի հուդա կար, որը մատնեց Ուլենշպիգելին որպես հերետիկոսի։ Հակառակ Սոոտկինի արցունքներին և Կլաասի աղաչանքներին, Ուլենշպիգելը բռնվեց և բանտարկվեց։ Նա մի ամիս և երեք օր փակված մնաց վանդակապատ մի նկուղի մեջ, առանց ոչ ոքի տեսնելու։ Բանտապանը ուտում էր նրա բաժին ուտելիքի երեք քառորդը։ Մինչ այդ տեղեկություններ հավաքեցին նրա լավ կամ վատ վարքի մասին։ Պարզվեց միայն, որ դա մի չարաճճի ծաղրաբան է, մերձավորներին անընդհատ հեգնող, բայց ամենևին չի չարախոսել մեծապատիվ աստծուն, համեստափայլ տիկին աստվածամորը և ոչ էլ պատվարժան այրերին։ Ուստի դատավճիռը մեղմ եղավ, որովհետև նրա երեսը կարող էին խարանել շիկացած երկաթով և մտրակով ծեծել արյունելու չափ։
Նկատի առնելով նրա անչափահաս տարիքը՝ դատավորները նրան դատապարտեցին շապկանց, ոտաբոբիկ և գլխաբաց քայլելու քահանաների հետևից, ձեռքին մոմ բռնած եկեղեցուց դուրս եկող առաջին թափորի մեջտեղում։
Համբարձման տոնի օրն էր այդ։
Երբ թափորը վերադառնար, նա պարտավոր էր կանգնել եկեղեցու գավթում և բարձրաձայն ասել․
― Շնորհապարտ եմ քեզ, ո՛վ տեր Հիսուս, շնորհապարտ եմ ձեզ, ո՛վ քահանայք։ Նրանց աղոթքները քաղցր են քավարանի հոգիներին, նաև զովարար, քանզի յուրաքանչյուր «Ողջյունը» մի դույլ ջուր է, որ թափվում է նրանց մեջքին և յուրաքանչյուր «Հայր մերը» մի ամբողջ տաշտ։
Ու ժողովուրդը լսում էր նրան մեծ բարեպաշտությամբ, ոչ առանց քմծիծաղի։
Հոգեգալստյան տոնին Ուլենշպիգելը պարտավոր եղավ նորից հետևել թափորին․ նա միայն շապիկով էր, գլխաբաց, ոտաբոբոիկ և ձեռքին մոմ բռնած։ Վերադարձին, եկեղեցու գավթում կանգնած և երկյուղածությամբ բռնելով կերոնը՝ ոչ առանց մի քանի ծամածռություններ անելու, նա հստակ և բարձր ձայնով ասաց․
― Եթե քրիստոնյաների աղոթքները մեծ սփոփանք են քավարանի հոգիների համար, ապա Աստվածամոր տաճարի ավագերեցի, բոլոր առաքինությունների մեջ կատարյալ այդ սուրբ մարդու աղոթքներն այնքան լավ են ամոքում այրող կրակի տանջանքները, որ վերջինս մեկեն փոխակերպվում է օշարակի։ Բայց դահիճ սատանաները ոչ մի կաթիլ բաժին չեն ստանում այդ խմիչքից։
Եվ ժողովուրդը երկյուղածությամբ լսում էր ոչ առանց քմծիծաղի, ու ավագերեցը հաճույքից ժպտում էր բարեգթորեն։
Հետո Ուլենշպիգելին երեք տարով վտարեցին Ֆլանդրիայի հողից պայմանով, որ ուխտի գնա Հռոմ և այնտեղից վերադառնա պապից մեղաց թողություն ստանալով։
Կլաասն ստիպվեց երեք ֆլորին վճարել այդ դատավճռի համար և մի ֆլորին ևս իր որդուն՝ տալով նրան իր ուխտավորի զգեստը։
Ուլենշպիգելի սիրտը տակնուվրա եղավ հրաժեշտի օրը, երբ նա գրկում էր Կլաասին և իր դժբախտ մորը՝ Սոոտիկինին, որն առատ արցունք է թափում։ Նրանք ուղեկցեցին նրան քաղաքից բավական հեռու, շատ քաղաքացիների և քաղաքացուհիների հետ միասին։
Տուն վերադառնալով Կլաասն ասաց կնոջը․
― Ա՜յ կին, շատ անգութ բան է մի քանի խենթ ու խելառ խոսքի համար այդքան խիստ պատժի դատապարտել այդպիսի ջահել մի տղայի։
― Դու լալիս ես, ա՜յ մարդ, ― ասաց Սոոտկինը, ― դու նրան սիրում ես ավելի, քան ցույց ես տալիս, որովհետև փղձկում ես տղամարդու հեկեկանքներով, որոնք նման են առյուծի ողբին։
Բայց նա ոչինչ չպատասխանեց։
Նելեն թաքնվել էր մարագում, որպեսզի ոչ ոք չտեսնի իր լացը Ուլենշպիգելի համար։ Նա հեռվից հետևում էր Սոոտկինին և Կլաասին, քաղաքացիներին ու քաղաքացուհիներին․ երբ տեսավ, որ իր բարեկամը մենակ հեռանում է, վազեց նրա մոտ և փաթաթվեց նրան ասելով․
― Դու այնտեղ այնքա՜ն գեղեցիկ տիկիններ կգտնես։
― Գեղեցիկ, չգիտեմ, բայց քեզ նման թարմ՝ ո՛չ, որովհետև արևը նրանց բոլորին տապակել է։
Նրանք երկար ժամանակ միասին քայլեցին։ Ուլենշպիգելը մտախոհ էր, միայն երբեմն֊երբեմն ասում էր․
― Ես կստիպեմ նրանց վճարել մեռելների պատարագի ծախսը։
― Ի՞նչ պատարագ, և ո՞վ է վճարելու, ― հարցնում էր Նելեն։
Ուլենշպիգելը պատասխանեց այսպես․
― Բոլոր ավագերեցները, երեցները, տիրացուները, ժամկոչները և այլ բարձրաստիճան և ցածրաստիճան սևազգեստները, որոնք կերակրում են մեզ խաբեբայություններով։ Եթե ես ուժեղ աշխատավոր լինեի, նրանք, ինձ ուխտավոր դարձնելով, կգողանային իմ երեք տարվա աշխատանքի պտուղը։ Բայց խեղճ Կլաասն է վճարողը։ Նրանք հարյուրապատիկ կհատուցեն ինձ այդ երեք տարվա համար, և ես իրենց իսկ փողով նրանց համար կերգեմ մեռելոց հոգեհանգիստը։
― Ո՛չ, ոչ Թի՛լ, խոհեմ եղի՛ր։ Նրանք քեզ ողջ֊ողջ կայրեն, ― ասում էր Նելեն։
― Ես անկիզելի եմ, ― պատասխանում էր Ուլենշպիգելը։
Ու նրանք բաժանվեցին՝ աղջիկը հեկեկալով, իսկ տղան՝ խոցված ու չարացած։
XXXIII
Բրյուգգեով անցնելիս չորեքշաբթի օրվա տոնավաճառում նա տեսավ մի կնոջ, որին ման էին ածում դահիճն ու իր սպասավորները, և ուրիշ կանանց մի մեծ բազմություն, որը շրջապատելով նրանց՝ կեղտոտ հայհոյանքների տարափ էր թափում այդ կնոջ գլխին։
Ուլենշպիգելը նկատեց, որ նրա շրջազգեստի վրա կարված էին կարմրագույն կերպասի կարկատաններ և վզից կախված էր արդարադատության քարը երկաթյա շղթայով։ Ուլենշպիգելը հասկացավ, որ այդ կինը վաճառել է իր աղջիկների թարմ մարմինը՝ օգուտ քաղելու նպատակով։ Նրան հայտնեցին, որ կնոջ անունը Վառվառա է, ամուսնացած է ոմն Յասուն Դարյուի հետ, և այդ զգեստավորումով պետք է շրջի հրապարակից հրապարակ, մինչև նորից վերադառնա Մեծ շուկան, որտեղ պետք է բարձրանա նրա համար արդեն կառուցված կառափնատը։ Ուլենշպիգելը գոռգոռացող բազմության հետ հետևեց նրան։ Երբ վերադարձան Մեծ շուկան, կնոջը կանգնեցրին կառափնատի վրա, կապեցին սյունին, և դահիճը նրա առջև դրեց մի փունչ խոտ և մի կտոր հող, որը գերեզման էր նշանակում։
Ուլենշպիգելին ասացին նաև, որ կնոջը նախապես նաև մտրակել էին բանտում։
Շարունակելով ճանապարհը, Ուլենշպիգելը հանդիպեց Հենրի Մարիշալին, մի անպիտան դատարկապորտի, որին կախել էին Իպրի իշխանութայն մեջ և որի վզի վրա դեռևս երևում էին պարանի հետքերը։ Իր ասելով նա ազատվել էր մահապատժից օդում ճոճվելիս, երբ աղոթել էր Հալի աստվածամորը այնպիսի ջերմեռանդությամբ, որ դատավորների և պաշտոնյաների հեռանալուց հետո պարանը հրաշքով կտրվել էր, և նա գետին էր ընկե ողջ և առողջ։
Բայց Ուլենշպիգելը հետո իմացավ, որ թոկից ազատված այդ դատարկապորտը կեղծ Հենրի Մարիշալն էր, որին թույլ էին տալիս շրջել դես ու դեն և տարածել իր սուտը, որովհետև նա ուներ Հալի աստվածամոր տաճարի ավագերեցի կողմից ստորագրված մի մագաղաթ֊արտոնագիր։ Ավագերեցը տեսել էր, որ այդ Հենրի Մարիշալի պատմած առասպելի պատճառով իր եկեղեցում սկսում են խռնվել և իրեն լավ վճարում են բոլոր նրանք, ովքեր հեռվից կամ մոտիկից կախաղանի հոտ են առնում։ Ու երկար ժամանակ Հալի աստվածամոր տաճարը կոչվեց կախվողների Տիրամոր տաճար։
XXXIV
Այդ ժամանակ ինկվիզիտորներն ու աստվածաբանները երկրորդ անգամ ներկայացան Կառլոս կայսրին և ասացին նրան․
― Եկեղեցին կործանվում է, նրա հեղինակությունն արհամարված է․ եթե կայսրը այդքան փառավոր հաղթանակներ է տարել, նա այդ պարտական է կաթոլիկության աղոթքներին, որը բարձր է պահում իր գահի վրա կայսերական զորությունը։
Իսպանական մի արքեպիսկոպոս պահանջեց, որ կտրեն վեց հազար գլուխ կամ այրեն նույնքան մարմին, որպեսզի Նիդեռլանդիայում արմատախիլ արվի լյուտարական պիղծ հերետիկոսությունը։ Նորին սրբազան վեհափառությունը գտավ, որ այդ բավական չէ։
Խեղճ Ուլենշպիգելը որտեղից որ անցնում էր ահաբեկված, տեսնում էր միայն կտրված գլուխներ սյուների վրա, երիտասարդ աղջիկնեեր, որոնց պարկերի մեջ դրած ողջ֊ողջ նետում էին գետը, մերկ տղամարդիկ՝ պառկած տանջանիվների վրա՝ կրելով երկաթյա ձողերի սաստիկ հարվածներ, կանայք՝ փոսերի մեջ, վրան հող լցված, և դահիճը նրանց կրծքի վրա պարելիս, որպեսզի ջարդի այն։ Սակայն զղջացող տղամարդկանց և կանանց խոստովանահայրերը նախապես վաստակում էին ամեն անգամ տասներկու սոլ։
Լյուվենում նա տեսավ դահիճների, որոնք միանգամից այրում էին երեսուն լյութերականների և խառույկը վառում էին թնդանոթի վառոդով։ Լիմբուրգում նա տեսավ մի ընտանիք՝ տղամարդիկ և կանայք, աղջիկներ և փեսաներ, որոնք մահապատժի էին գնում սաղմոս երգելով։ Մի ծերունի գոռում էր այրվելիս։
Եվ Ուլենշպիգելը ահից և վշտից ընկճված՝ քայլում էր դժբախտ երկրի ճամփաներով։
XXXV
Դաշտում նա թափահարում էր իրեն թռչնի նման, ինչպես շղթայից արձակված մի շուն, և նրա սիրտը ամրապնդվում էր ծառերի, մարգերի և պայծառ արևի տեսքից։
Երեք օր քայլելուց հետո նա հասավ Բրյուսելի շրջակայքը, Ուկլի մեծ ավանը։ «Շեփոր» պանդոկի առջևից անցնելիս, նրա հոտոտելիքը շոյվեց տապակածի աստվածային բույրով։ Նա հարցրեց մի փոքրիկ մուրացկանի, որ քիթը տնկած օդում՝ վայելում էր խորտիկների այդ անուշ բուրմունքը ― թե ո՞ւմ պատվին է երկինք բարձրանում այդ տոնական խնկարկությունը։ Սա պատասխանեց, որ «Գեր Մռութ» միաբանության եղբայրները երեկոյան ժամերգությունից հետո պետք է հավաքվեին տոնելու համայնքի ազատագրումը, որ կատարվել էր կանանց և փոքրիկ աղջիկների ձեռքով հին ժամանակներում։
Ուլենշպիգելը հեռվից տեսավ մի ձող, որի ծայրին թառել էր մի թութակ, իսկ նրա շուրջը՝ աղեղներով զինված տանտիկիններ, և հարցրեց, թե վաղուց է, որ կանայք նույնպես աղեղնավորներ են դարձել։
Խորտիկների բույրը վայելող մուրացկանը պատասխանեց, որ բարի դուքսի օրով նույն այդ աղեղները Ուկլի կանանց ձեռքում հարյուրից ավելի ավազակների էին կյանքից զրկել։
Ուլենշպիգելն ուզեց ավելին իմանալ, բայց մուրացկանն ասաց, որ այլևս չի խոսելու, որովհետև քաղցած է ու ծարավ, բայց կխոսի մի պայմանով, որ նա մի պատար վճարի իրեն ուտելու և խմելու համար։ Ուլենշպիգելը կարեկցելով կատարեց նրա ցանկությունը։
Հենց որ մուրացկանը դրամն ստացավ, մտավ «Շեփոր» պանդոկը, ինչպես աղվեսը՝ հավաբուն, ու վերադարձավ այնտեղից հաղթական, ձեռքին երշիկի կեսը և հացի մի մեծ կտոր։
Հանկարծ Ուլենշպիգելը լսեց թմբուկների և ջութակների քաղցր նվագ և տեսավ մի մեծ խումբ պարող կանայք և նրանց մեջ մի գեղեցիկ տանտիկին՝ վզին ոսկե շղթա։
Մուրացկանը, որ կշտանալու հաճույքից ծիծաղում էր, ասաց Ուլենշպիգելին, որ այդ ջահել ու սիրուն տանտիկինը նետաձգության թագուհին է՝ Միետիե անունով, համայնքի ատենակալ պարոն Ռենոնկելի կինը։ Հետո նա Ուլենշպիգելից խնդրեց վեց լիար՝ խմիչքի համար։ Ուլենշպիգելը տվեց։ Այսպես ուտելով և խմելով մուրացկանը նստեց իր տեղը՝ արևի տակ և սկսեց ատամները քչփորել եղունգներով։
Երբ աղեղնավոր կանայք նկատեցին Ուլենշպիգելին ուխտավորի զգեստով, սկսեցին պարել նրա շուրջը և ասել․
― Բարև՛ քեզ, սիրո՛ւն ուխտավոր, հեռվի՞ց ես գալիս, ջահե՛լ ուխտավոր։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Գալիս եմ Ֆլանդրիայի գեղեցիկ երկրից, ուր առատ են սիրահար աղջիկները։
Ու նա տխրելով մտածում էր Նելեի մասին։
― Ի՞նչ է եղել քո հանցանքը, ― հարցրին նրանք, դադարելով պարելուց։
― Այնքան մեծ է, որ ես չեմ համարձակվում խոստովանել, ― ասաց նա, ― բայց ունեմ նաև ուրիշ բաներ, որոնք ամենևին փոքր չեն։
Կանայք ժպտացին և հարցրին, թե ինչու նա ճանապարհորդում է ուխտավորի գավազանը ձեռքին, մուրացկանի պարկը ուսին։
― Որովհետև ասել եմ, ― պատասխանեց նա, մի փոքր ստելով, ― թե մեռելոց պատարագները ձեռնտու են տերտերներին։
― Դրանք հնչուն դրամներ են բերում նրանց, բայց օգտավետ են քավարանի հոգիներին, ― ասացին նրանք։
― Ես այնտեղ չեմ եղել, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ոզո՞ւմ ես սեղան նստել մեզ հետ, ուխտավո՛ր, ― հարցրեց նրան ամենասիրուն աղեղնավորուհին։
― Ուզում եմ ուտել ձեզ հետ, ուտել քեզ և բոլոր մյուսներին հերթով, որովհետև դուք արքայական պատառներ եք, ավելի քաղցրահամ, քան դրախտահավը, մոշահավը և կտցարը։
― Աստված պահի քեզ, այդ թռչունները գին չունեն։
― Ինչպես դու բոլորդ, անուշիկներ, ― ասաց Ուլենշպիգելը։
― Այո, բայց մենք ծախու չենք։
― Իսկ տալո՞ւ, ― հարցրեց նա։
― Այո, ― պատասխանեցին նրանք, ― տալու հարվածներ չափից շատ համարձակներին․․․ Եվ եթե պետք լինի, մենք քեզ կծեծենք ինչպես հացահատիկի աղուն։
― Հրաժարվում եմ, ― ասաց նա։
― Դե գնանք ուտելու, ― առաջարկեցին նրանք։
Նա հետևեց նրանց դեպի պանդոկի բակը, ուրախացած՝ տեսնելով իր շուրջն այդ թարմ դեմքերը։ Հանկարծ մեծ հանդիսավորությամբ դրոշակով, թմբուկով, փողով և սրինգով բակ մտան «Գեր Մռութ» միաբանության եղբայրները, կրելով իրենց հրճվալի անունը իրենց գեր դեմքերի վրա։ Նրանք հետաքրքրությամբ նայեցին Ուլենշպիգելին, բայց կանայք նրանց ասացին, որ այդ երիտասարդին գտել էին ճանապարհի վրա և տեսնելով, որ իրենց ամուսինների և նշանածների նման բարի դեմք ունի, բերել էին մասնակից դարձնելու իրենց խնջույքին։
Կրոնավորները հավանություն տվին կանանց խոսքերին, և նրանցից մեկն ասաց․
― Ուխտավոր ուխտագնաց, կուզե՞ս ուխտի գնալ տապակածների և խորտիկների աշխարհը։
― Յոթնամղոն կոշիկներով, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Երբ պատրաստվում էր նրանց հետ մտնել խնջույքի սրահը, Փարիզի ճանապարհի վրա նա նշմարեց տասներկու կույր ուղևորների։ Երբ նրանք անցնում էին առջևից, գանգատվելով քաղցից և ծարավից, Ուլենշպիգելը ինքն իրեն ասաց, որ նրանք այդ երեկո ընթրելու են թագավորների նման, Ուկլի ավագերեցի հաշվին, ի հիշատակ մեռելոց պատարագների։
Նա մոտեցավ նրան և ասաց․
― Ահա ձեզ ինը ֆլորին, եկեք անուշ արեք։ Զգո՞ւմ եք խորտիկների բուրմունքը։
― Ինչպե՞ս չէ, արդեն կես մղոնի վրա, բայց՝ անհույս։
― Դուք կուտեք՝ այժմ ունենալով ինը ֆլորին, ― ասաց Ուլենշպիգելը, բայց նրանց ոչինչ չտվեց։
― Օրհնյալ լինես, ― ասացին նրանք։
Եվ Ուլենշպիգելը տարավ նրանց ու նստեցրեց մի փոքրիկ սեղանի շուրջը, մինչդեռ «Գեր Մռութի» միաբանները տեղավորվում էին մի մեծ սեղանի շուրջը, կանանց ու փոքրիկ աղջիկների հետ միասին։
Ինը ֆլորինի տեր մարդկանց ինքնավստահությամբ կույրերը խոսեցին հպարտորեն․
― Պանդոկապե՛տ, մեզ ուտելու և խմելու բան տուր, ինչ որ ունես լավագույնը։
Պանդոկապետը երբ լսեց ինը ֆլորինի անունը, կարծեց, որ դրամը նրանց քսակներում է և հարցրեց, թե ինչ են կամենում։
Բոլորը միանգամից խոսելով՝ բղավեցին։
― Խոզաճարպով սիսեռ, տավարի, հորթի, ոչխարի, հավի մսից խորոված։ ― Ապուխտը հո շների համար չե՞ն պատրաստել։ Ո՞վ անցնելիս չի զգացել սև ու ճերմակ երշիկների հոտը և չի բռնել նրանց կոկորդից։ Ես տեսնում էի դրանք, ավա՜ղ, երբ իմ թշվառ աչքերը ծառայում էին ինձ, որպես ճրագ։ ― Ո՞ւր են Անդերլեխտի կարագով պատրաստված կարկանդակները։Նրանք երգում են փռան մեջ, հյութալի ճթճթան, և ուտելուց հետո արթնացնում են խմելու անհագ ցանկություն։ Ո՞վ կդնի առաջս ձվածեղով ապուխտ կամ ապուխտով ձվածեղ, որկորի բարեկամ այդ հարազատ եղբայրները։ ― Ո՞ւր են երկնային chousel֊ներ անմահական խորոված, հպարտ մսեղեն՝ երիկամունքի, աքլորակատարի, եզան պոչի, ոչքարի ոտքի մեջտեղ՝ խիստ համեմված սոխով, պղպեղով, մեխակով, մուշկով՝ բոլորն էլ իրենց գոլորշու մեջ եփած, և երեք գավ ճերմակ գինի, որպես սոուս։ ― Ո՞վ քեզ կբերի ինձ մոտ, աստվածային երշիկ խոզենի, որ այնքան համեղ ես, որ անխոս գնում ես կոկորդս ի վար։ Դուք բոլորդ, գալիս եք ուղիղ Լյուլեկերլանդից, երջանիկ դատարկապորտների, հավիտենական որկրամոլների յուղալի երկրից։ ― Բայց ո՞ւր եք դուք, անցյալ աշնան չորացած տերևնե՜ր։ ― Ես ուզում եմ բակլավյով խորոված ոչխարի ազդր։ ― Իսկ ես՝ խոզի ականջնե՜ր։ ― Ես տապակած կաքավների տերողորմյա, կտցարները թող լինեն նրա «Հայր մերը», իսկ գիրուկ աքլոր՝ նրա «Հավատամքը»։
Պանդոկապետը հանգիստ պատասխանեց․
― Ձեզ կտամ վաթսուն ձվից ձվածեղ և մեր գդալներին որպես նշանաձող ճանապարացույց՝ հիսուն սև երշիկ՝ սյուների նման տնկված ուտելիքի այդ լեռան վրա, վրան էլ՝ թունդ գարեջուր գետի նման։
Խեղճ կույրերի բերանների ջուրը վազեց, և նրանք ասացին․
― Բեր մեզ համար լեռը, սյուները և գետը։
Եվ «Գեր Մռութի» միաբանները ու նրանց տանտիկինները արդեն սեղան նստած Ուլենշպիգելի հետ՝ ասում էին, որ այդ օրը կույրերի համար անտեսանելի կերուխումի օր է, և խեղճ մարդիկ կորցնում են իրենց հաճույքի կեսը։
Երբ եկավ կարոսով և կոտեմով առատորեն համեմված ձվածեղը, որ բերում էին պանդոկապանը և չորս խոհարարներ, կույրերն ուզեցին հարձակվել նրա վրա և արդեն սկսել էին քչփորել այն, բայց պանդոկապանը, ոչ առանց դժվարության, հավասարապես բաժանեց և ամեն մեկի բաժինը դրեց նրա պնակի մեջ։
Աղեղնավոր կանայք հուզվեցին կարեկցությունից, երբ տեսան, թե ինչպիսի ագահությամբ նրանք խժռում էին, որովհետև սաստիկ քաղցած էին և երշիկները կլանում էին ոստրերի պես։ Dobbelpeterman թունդ գարեջուրը հոսում էր նրանց ստամոքսները, ինչպես բարձր լեռներից գահավիժող ջրվեժը։
Երբ մաքուր սրբեցին իրենց պնակները, նրանք այնուհետև պահանջեցին կարկանդակներ, տապակած թռչուններ։
Պանդոկապանը դրա փոխարեն մատուցեց մի մեծ ափսե եզի, հորթի և ոչխարի ոսկորներ, որոնք լողում էին առատ սոուսի մեջ։ Այս անգամ նա չբաժանեց կերակուրը։
Երբ կույրերը իրենց հացը և իրենց ձեռքերը մինչև արմունկը կոխեցին սոուսի մեջ և այնտեղից հանեցին միայն կողեր և ոսկորներ, նույնիսկ եզան մի քանի ծնոտներ, ամեն մեկը կարծեց, որ իր հարևանը կերել է ամբողջ միսը, ուստի նրանք սկսեցին կատաղորեն միմյանց քթին֊բերնին տալ իրենց ձեռքին բռնած ոսկորներով։
«Գեր Մռութի» միաբանները կուշտ ծիծաղելուց հետո գթությամբ իրենց համեղ կտորների մի մասը դրին խեղճ կույրերի պնակները, և երբ սրանք նրանց մեջ փնտրում էին ոսկորներ կռիվը շարունակելու համար, ոսկորի փոխարեն ձեռքները դնում էին տապակած հավի, մեկ կամ երկու արտույտի և մշահավի վրա։ Իսկ այդ ժամանակ տիկինները թեքում էին նրանց գլուխները դեպի ետ և Բրյուսելի ընտիր գինի լցնում նրանց կոկորդը, և երբ նրանք կույրերի ձևով շոշափում էին իրենց շուրջը իմանալու համար, թե որտեղից են գալիս ամբրոզի (աստվածային խմիչքի) այդ վտակները, բռնում էին միայն շրջազգեստից և ուզում էին քաշել դեպի իրենց։ Բայց նրանք ճարպկորեն ծլկում էին։
Ու այսպիսով կույրերը ծիծաղում էին, խմում, ուտում և երգում։ Ոմանք սիրուն տանտիկինների հոտն առնելով խելագարի նման վազվզում էին սրահում, սիրուց կախարդված, բայց խորամանկ աղջիկները խաբս էին տալիս և թաքնվելով «Գեր մռութի» մի վանականի հետևում, ասում էին նրանց․ «համբուրիր ինձ»։ Այդպես էլ անում էին, բայց կնոջ փոխարեն համբուրում էին տղամարդու մազոտ երեսը և ստանում բռունցի հարվածներ։
Երգեցին նաև «Գեր Մռութի» միաբանները, կույրերը ձայնակցեցին նրանց, իսկ ուրախ կանայք ու աղջիկները հրճվում էին՝ տեսնելով նրանց ուրախությունը։
Երբ անցան կերակուրի այդ քաղցր ժամերը, պանդոկապետն ասաց նրանց․
― Լավ կերաք ու խմեցիք, հիմա վճարեցեք յոթ ֆլորին։
Ամեն մեկը երդվեց, որ քսակն իր մոտ չէ և մատնացույց արեց հարևանին։ Այդ հողի վրա ևս նրանց միջև կռիվ ծագեց, որի ընթացքում նրանք ջանում էին հարվածել միմյանց ոտքով, բռունցքով և գլխով, բայց չէին կարողանում և խփում էին, ինչպես պատահում էր, որովհետև «Գեր Մռութի» միաբանները բաժանում էին նրանց։ Ու հարվածները տեղում էին դատարկության մեջ, բացի մեկից, որը պատահմամբ դիպավ պանդոկապետի երեսին։ Սա չարացավ և սկսեց խուզարկել բոլորին, բայց նրանց մոտ գտավ միայն մի հին փորուրար, յոթ լիար, վարտիքի երեք կոճակ և տերողորմյաներ։
Նա վճռեց նետել նրանց խոզարանը և պահել այնտեղ միայն հացով ու ջրով՝ մինչև որ մեկը վճարի նրանց պարտքը։
― Ուզո՞ւմ ես, որ ես երաշխավոր լինեմ նրանց համար, ― ասաց Ուլենշպիգելը։
― Այո, ― պատասխանեց պանդոկապետը, ― պայմանով, որ մեկն էլ երաշխավոր լինի քեզ համար։
Միաբանները ցանկություն հայտնեցին երաշխավորելու, բայց Ուլենշպիգելը չթողեց՝ ասելով․
― Ավագերեցը կլինի երաշխավորողը, ես գնում եմ նրա մոտ։
Խորհելով մեռելոց պատարագի մասին, Ուլենշպիգելն շտապեց ավագերեցի մոտ և նրան պատմեց, թե ինչպես «Շեփորի» պանդոկապետը դիվահարել է և շարունակ խոսում է խոզերի և կույրերի մասին, թե խոզերն ուտում են կույրերին, կույրերն ուտում են խոզերին՝ խորովածի և տապակածի զանազան ամբարիշտ ձևերով։ Դիվահարության այդ նոպաների ժամանակ պանդոկապետը, ասում էր նա, ամեն ինչ ջարդ ու փշուր է անում տան մեջ, և խնդրում էր գալ ու փրկել խեղճ մարդուն չար դևից։
Ավագերեցը խոստացավ գալ, բայց ասաց, որ իսկույն չի կարող, որովհետև այդ րոպեին ժամերգության հաշիվներն է նայում և աշխատում է պարզել իր օգուտը։
Տեսնելով, որ ավագերեցը չի շտապում, Ուլենշպիգելը նրան ասաց, որ վերադառնալու պանդոկապետի կնոջ հետ, և ավագերեցը անձամբ կարող է խոսել նրա հետ։
― Եկեք երկուսով, ― ասաց ավագերեցը։
Ուլենշպիգելը վերդարձավ պանդոկապետի մոտ և նրան ասաց․
Ես տեսա ավագերեցին։ Նա կերաշխավորի կույրերի համար։ Դուք հսկեցեք նրանց, իսկ տիկինը թող ինձ հետ գա նրա մոտ, նա կկրկնի այն, ինչ ես ձեզ ասացի։
― Գնա՛, կնի՛կ, ― ասաց պանդոկապետը։
Պանդոկապետի կինը Ուլենշպիգելի հետ միասին գնաց ավագերեցի մոտ, որը շարունակում էր հաշվել՝ իր օգուտը պարզելու համար։ Երբ տիկինը և Ուլենշպիգելը մտան նրա մոտ, նա ձեռքով մի անհամբեր շարժում արեց հեռանալու, ասելով․
― Միամիտ կա՛ց, ես կգամ մարդուդ օգնության մեկ կամ երկու օրից։
Եվ Ուլենշպիգելը վերադառնալով դեպի «Շեփոր» պանդոկը, ինքն իրեն ասում էր․ «Նա կվճարի յոթ ֆլորինը և դա կլինի իմ առաջին մեռելոց պատարագը»։
Ու նա շտապ հեռացավ, և կույրերը՝ նմանապես։
XXXVI
Հաջորդ օրը ճանապարհին Ուլենշպիգելը տեսավ մարդկանց մեծ բազմություն ու հետևելով նրանց՝ իմացավ, որ Ալզեմբերգի ուխտագնացության օրն է։
Նա տեսավ պառավ աղքատ կանանց, որոնք քայլում էին ոտաբոբիկ և հետ֊հետ գնալով մի ֆլորինի և մի քանի անվանի տիկինների մեղաց քավության համար։ Ճանապարհի եզրին, սրինգի, ջութակի և պարկապզուկի նվագի տակ շատ ուխտավորներ խնջույք էին սարքել խորտիկներով ու թունդ գարեջրով։ Համեղ խորովածի գոլորշին բարձրանում էր երկինք, ինչպես խունկի քաղցր բուրմունք։
Բայց կային ուրիշ ուխտավորներ, չքավոր, քաղցած, ցնցոտիապատ, որոնք վարձ ստանալով եկեղեցուց՝ քայլում էին հետսակողմով վեց սոլի համար։
Մի ճաղատ մարդուկ, աչքերը չռած, դեմքի կատաղի արտահայտությամբ, հետ֊հետ գնալով թռչկոտում էր նրանց հետևում և շարունակ «Հայր մեր» ասում։
Ուլենշպիգելը ցանկացավ իմանալ, թե ինչու նա այդպես կապկում է խեցգետնին, նրա նման հետ֊հետ գնալով, կանգնեց նրա առաջ և ժպտալով սկսեց նույն ձևով թռչկոտել։ Սրինգները, փողերը, ջութակներն ու պարկապզուկները, ուխտավորների տրտունջներն ու մրմունջները կազմում էին պարի երաժշտությունը։
― Մա՛րդ աստուծո, ― ասաց Ուլենշպիգելը, ― ինչո՞ւ ես այդպես վազում, որ ավելի հասատա՞տ ընկնես։
Մարդը չպատասխանեց և շարունակեց քթի տակ մրթմրթալ իր աղոթքները։
― Միգուցե ուզում ես իմանալ, թե քանի ծառ կա ճանապարհի վրա։ Բայց տերևներն էլ չե՞ս հաշվում արդյոք։
Մարդը, որ «Հավատամք» էր ասում, նշան արավ Ուլենշպիգելին, որ լռի։
Ուլենշպիգելը շարունակելով թռչկոտել նրա առաջ և նրան նմանվելով՝ ասաց․
― Միգուցե հանկարծակի խելագարության պատճառով է, որ քայլում ես այդքան ծուռ, բոլորին հակառակ։ Բայց ով խենթից խելոք պատասխան է սպասում, ինքն էլ բնավ խելոք չէ։ Այդպես չէ՞, կունտի՛կ պարոն։
Մարդն էլի չպատասխանեց և Ուլենշպիգելը շարունակեց թռչկոտել, կոշկատակերից այնպիսի աղմուկ հանելով, որ պողոտան թնդում էր դատարկ արկղի նման։
― Միգուցե դուք համր եք, պարոն։
― Ave Maria, gratia plena et benedictus ventris tui Jesu:[9]
― Կամ գուցե խուլ եք, ― ասաց Ուլենշպիգելը։ Հիմա կտեսնենք, ասում են, որ խուլերը չեն լսում ո՛չ գովասանք, ո՛չ հայհոյանք։ Տեսնենք, թե քո ականջի թմբուկները կաշվից են, թե պղնձից։ Կարծո՞ւմ ես, անմո՛մ մոմակալ, ճամփորդի՛ կեղծիք, որ դու մարդու նմա՞ն ես։ Այդ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ մարդիկ լաթից շինված լինեն։ Ո՞ւր է տեսնված երբևէ այդ դեղնավուն կերպարանքը, այդ կնտած գլուխը, եթե ոչ կախաղանի հրապարակում։ Արդյոք դու կախված չե՞ս եղել մի ժամանակ։
Եվ Ուլենշպիգելը պարում էր, իսկ մարդը, որն սկսում էր զայրանալ, հետ֊հետ էր վազում գազազած և իր աղոթքները մռթմռթում էր թաքուն կատաղությամբ։
― Գուցե դու վերին ֆլամանդերեն չես հասկանում, ես քեզ հետ կխոսեմ ստորին ֆլամանդերենով։ Եթե դու որկրամոլ չես, ուրեմն հարբեցող ես, եթե հարբեցող չես, ջուր խմող, ուրեմն փորկապ ես, եթե պնդություն չունես, ուրեմն փորլուծ ես․ եթե դու վավաշոտ չես, ուրեմն որձատ ես։ Եթե ժուժկալություն կա, փորիդ տակառը նա չէ լցնողը, և եթե աշխարհում ապրող հազար միլիոն մարդկանցից միայն մեկը լիներ կոտոշավոր, այդ դու կլինեիր։
Այդ ասելիս Ուլենշպիգելն ընկավ իր հետույքի վրա և ոտները տնկեց օդի մեջ, որովհետև մարդը բռուցքի մի այնպիսի հարված էր հասցրել նրա քթին, որ աչքերից կայծեր էին ցայտել։ Հետո անսպասելիորեն ընկավ նրա վրա, հակառակ իր փորի ծանրությանը, սկսեց խփել ուր հասնում էր և հարվածները կարկուտի նման տեղում էին Ուլենշպիգելի նիհար մարմնին։ Խեղճ տղայի ձեռնափայնտն ընկավ գետին։
― Այս դասից սովորիր, ― նրան ասաց մարդը, ― երբեք տնազ չանել ուխտի գնացող ազնիվ մարդկանց, որովհետև, լավ գիտցի՛ր, ես այս ձևով գնում եմ Ալզեմբերգ, ըստ սովորության աղոթելու սուրբ մայր աստվածածնին, որ վիժեցնի այն երեխան, որով հղիացել է կինս իմ ճամփորդության ժամանակ։ Նման մի մեծ բարերարություն ձեռք բերելու համար պետք է քայլել ու պարել հետսակողմով՝ իր բնակարանից սկսած քսաներորդ քայլից մինչև եկեղեցու աստիճանները, առանց խոսելու։ Այսպես, ուրեմն, այժմ պետք է վերսկսել։
Ուլենշպիգելը գետնից վերցնելով իր գավազանը, ասաց․
― Ես քեզ ցույց կտամ, սրիկա, թե ինչպես են օգտագործում մայր աստվածածնին երեխաները իրենց մոր փորում սպանելու համար։
Ու նա սկսեց ծեծել չար կոտոշավորին այնպիսի սաստկությամբ, որ համարյա կիսամեռ փռեց նրան ճանապարհի վրա։
Այնինչ շարունակում էին երկինք բարձրանալ ուխտավորների հեծկլտանքները, սրինգների ջութակների, փողերի և պարկապզուկների հնչյունները և որպես անարատ խունկ՝ խորտիկների անուշ բուրմունքը։
XXXVII
Կլաասը, Սոոտկինը և Նելեն կրակի մոտ նստած զրուցում էին՝ հիշելով թափառական ուխտավորին։
― Աղջի՛կս, ― ասում էր Սոոտկինը, ― ինչպես չկարողացար քո երիտասարդության հմայքի ուժով ընդմիշտ պահել նրան մեր կողքին։
― Ավա՜ղ, ―ասում էր Նելեն, ― չկարողացա։
― Պատճառն այն է, ― պատասխանում էր Կլաասը, ― որ մի հակառակ հմայք կա, որ նրան ստիպում է թափառել առանց հանգստանալու՝ կանգ առնելով միայն փորը կշտացնելու համար։
― Չա՛ր, տգե՛ղ տղա, ― հառաչում էր Նելեն։
― Չա՛ր, գուցե, ― ասում էր Սոոտիկինը, ― բայց տգեղ՝ ոչ։ Եթե իմ որդի Ուլենշպիգելը հունական կամ թե հռոմեական դիմագծեր չունի, բայց պակաս չէ, որովհետև ֆլանդրիական են նրա աշխույժ ոտները, Բրյուգգեի ֆրանկինն են նրա սուր ու թուխ աչքերը, ու նրա բերանն ու քիթը շինված են խորամանկության և քանդակագործության մեջ հմուտ երկու աղվեսների կողմից։
― Իսկ ո՞վ է տվել նրան դատարկապորտի բազուկները և հաճույքի հետևից վազելու միշտ պատրաստ սրունքները, ― հարցրեց Կլաասը։
― Իր շատ ջահել սիրտը, ― պատասխանեց Սոոտկինը։
XXXVIII
Այդ ժամանակ Կատլինը բուժիչ խոտերով առողջացրեց մի եզ, երեք ոչխար և մի խոզ, որ պատկանում էին Սպիլմանին, բայց չկարողացավ բուժել Յան Բելոնի կովը։ Սա մեղադրեց նրան կախարդության մեջ։ Նա հայտարարեց, որ Կատլինը կախարդել էր անասունին, որովհետև խոտ տալու ժամանակ փաղաքշել էր կովին և խոսել նրա հետ, անշուշտ սատանայական լեզվով, քանի որ բարեպաշտ քրիստոնյան չի կարող խոսել անասունի հետ։
Հիշյալ Յան Բելոնն ավելացրեց, թե ինքը հարևան է Սպիլմանին, որի եզը, ոչխարները և խոզը Կատլինն առողջացրել էր, և եթե նա սպանել էր իր կովին, ապա այդ եղել էր Սպիլմանի դրդումով, մի մարդու, որը նախանձում էր՝ տեսնելով, որ Բելոնի արտերն ավելի լավ են մշակված և ավելի շատ բերք են տալիս, քան իր՝ Սպիլմանի արտերը։ Պետեր Մելմիստերի, մի պատվավոր ու պարկեշտ մարդու, ինչպես և Յան Բելոնի վկայությամբ, որ հաստատում էր, թե Կատլինը կախարդուհու համբավ ունի Դամմեում և անկասկած սպանել է կովին, Կատլինը բանտարկվեց և դատապարտվեց տանջանքների, մինչև որ խոստովաներ իր ոճիրները և չարագործությունները։
Նրան հարցաքննեց մի ատենակալ, որը միշտ կատաղած էր, որովհետև ամբողջ օրը օղի էր խմում։ Նա հրամայեց ատյան բերել Կատլինին և նստեցնել տանջանքների առաջին նստարանի վրա։
Դահիճը բոլորովին մերկացրեց նրան, հետո խուզեց գլխի և ամբողջ մարմնի մազերը՝ նայելով ամեն տեղ, թե արդյոք որևէ կախարդական հմայք չի՞ թաքցնում։
Ոչինչ չգտնելով, նա պարաններով կապեց նրան տանջանքների նստարանին։ Կատլինն այն ժամանակ ասաց․
― Ես ամաչում եմ այսպես մերկ այս տղամարդկանց առաջ, մա՛յր աստվածածին, աղաչում եմ քեզ, մա՛հ տուր ինձ։
Այն ժամանակ դահիճը թաց շորերով ծածկեց նրա կուրծքը, փորը և սրունքները, հետո բարձրացնելով նստարանը, տաք ջուր լցրեց նրա ստամոքսը այնպիսի մեծ քանակությամբ, որ փորը սաստիկ ուռեց։ Հետո նա ցած թողեց նստարանը։
Ատենակալը հարց տվեց Կատլինին, թե նա ուզո՞ւմ է արդյոք խոստովանել իր հանցանքը։ Կինը գլխով նշան արավ, որ ոչ։ Դահիճը էլի տաք ջուր լցրեց, բայց Կատլինը հետ տվեց բոլորը։
Այն ժամանակ վիրաբույժի խորհրդով նրա կապերն արձակեցին, նա չէր խոսում, այլ ձեռքը խփում էր կրծքին, հասկացնելով, թե տաք ջուրն այրել է իրեն։ Երբ ատենակալը տեսավ, որ առաջին չարչարանքից հետո Կատլինն ուշքի է եկել, ասաց նրան․
― Խոստովանի՛ր, որ դու կախարդ ես և դյութանք ես գցել կովի վրա։
― Չեմ կարող խոստովանել, ― ասաց նա, ― ես սիրում եմ բոլոր կենդանիներին, որքան զորում է իմ թույլ սիրտը, և ավելի շուտ ես կվնասեմ ինքս ինձ, քան նրանց, այդ անպաշտպան անասուններին։ Ես կովին բուժելու համար գործ եմ ածել միայն օգտակար դեղաբույսեր։
Սակայն ատենակալը պնդում էր․
― Դու նրան թունավորել ես, որովհետև կովը սատկել է։
― Պարո՛ն ատենակալ, ― պատասխանեց Կատլինը, ― ես այստեղ կանգնած եմ ձեր առաջ, ձեր իշխանության տակ, սակայն համարձակվում եմ ասել ձեզ, թե անասունն էլ մարդու նման կարող է հիվանդանալ և մեռնել՝ չնայած բժիշկների օգնության։ Եվ ես երդվում եմ Քրիստոսի անունով, որը խաչի վրա մեռավ մեր մեղքերի համար, ես երբեք վատ բան չեմ կամեցել այդ կովին, ընդհակառակը, ցանկացել եմ բժշկել նրան պարզ դեղերով։
Այն ժամանակ ատենակալն ասաց կատաղած․
― Այս անիծյալ պառավը պիտի խոստովանի, դրե՛ք նրան ուրիշ տանջարանի վրա։
Եվ նա խմեց մի գավաթ օղի։
Դահիճը Կատլինին նստեցրեց կաղնեփայտի դագաղի կափարչի վրա, որի վերևի մասը սուր էր դանակի բերանի պես։ Բուխարիկում թեժ կրակ էր վառվում, որովհետև նոյեմբեր ամիսն էր։
Դագաղի և փայտե սուր շամփուրի վրա նստած Կատլինին հագցրին նոր կաշվից կարած խիստ նեղ կոշիկները և մոտեցրին կրակին։ Երբ դագաղի սուր փայտը և շամփուրը խրվեցին նրա մարմնի մեջ և կրակը տաքացնելով սեղմեց նրա ոտնամանների կաշին, Կատլինն աղաղակեց․
― Անասելի տանջվում եմ, թույն տվե՛ք ինձ։
― Ավելի մոտեցրեք կրակին, ― ասաց ատենակալը։
Հետո հարցաքննեց Կատլինին։
― Քանի՞ անգամ ես ցախավել հեծած գնացել կախարդների սատանայական ժողովին։ Քանի՞ անգամ փչացրել ես ցորենը հասկի մեջ, պտուղը՝ ծառի վրա, երեխան՝ իր մոր արգանդում։ Քանի՞ անգամ անհաշտ թշնամիներ ես դարձրել երկու եղբայրների և ատելությամբ լցված ախոյաններ՝ երկու քույրերի։
Կատլինն ուզեց խոսել, բայց չկարողացավ և ձեռքը շարժեց՝ կարծես ասելու համար, թե՛ ոչ։ Այն ժամանակ ատենակալն ասաց․
― Նա չի խոսի, մինչև որ չզգա, թե ինչպես է հալչում կրակի վրա իր կախարդական ճարպը։ Ավելի մոտեցրեք։
Կատլինը գոռաց։ Ատենակալն ասաց նրան․
― Աղոթի՛ր սատանային, որ քեզ զովացնի։
Կատլինը մի շարժում արեց, ուզենալով հանել ոտնամանները, որոնք ծխում էին բարկ կրակից։
― Աղոթի՛ր սատանային, որ կոշիկներդ հանի, ― ասաց ատենակալը։
Ժամացույցը խփեց տասը հարված, կատաղած ատենակալի նախաճաշի ժամն էր այդ․ նա հեռացավ դահճի և գրագրի հետ միասին՝ մենակ թողնելով Կատլինին տանջարանում կրակի մոտ։
Ժամը տասնմեկին նրանք վերադարձան և գտան Կատլինին անշարժ և քարացած։ Գրագիրն ասաց․
― Կարծեմ նա մեռած է։
Ատենակալը հրամայեց դահճին վերցնել Կատլինին դագաղի վրայից և հանել նրա ոտնամանները։ Չկարողանալով հանել՝ դահիճը կտրեց դրանք և երևացին Կատլինի ոտները՝ կարմրած և արնակալած։
Եվ ատենակալը մտածելով ճաշի մասին՝ նայում էր նրան անխոս, բայց շուտով Կատլինն սթափվեց և ընկավ գետնին, չկարողանալով ոտքի կանգնել՝ հակառակ իր ջանքերին։
― Կար ժամանակ, ― ասաց նա ատենակալին, ― երբ դու ուզում էիր ինձ կին առնել, այժմ էլ չես կարող։ Չորս անգամ երեքը նվիրական թիվ է, և տասներեքերորդը՝ ամուսինը։
Հետո երբ ատենակալը կամեցավ խոսել, Կատլինն ասաց նրան․
― Լուռ կա՛ց, նրա լսողությունն ավելի նուրբ է, քան այն հրեշտակապետինը, որ երկնքում արդարների սրտի զարկերն է հաշվում։ Ինչո՞ւ ես այդքան ուշ գալիս։ Չորս անգամ երեքը նվիրական թիվ է, նա սպանում է նրանց, ովքեր ցանկանում են ինձ։
Ատենակալն ասաց․
― Այս կինը շնանում է սատանայի հետ։
― Նա խելագար է տանջանքների ցավից, ― ասաց գրագիրը։
Կատլինին նորից տարան բանտը։ Երեք օր հետո ատենակալների ժողովը խորհրդակցությունից հետո նրան դատապարտեց խարույկի վրա այրվելու։
Դահիճը և իր օգնականները նրան առաջնորդեցին Դամմեի Մեծ շուկայի հրապարակը, ուր նրան բարձրացրին կառափնատի վրա։ Այնտեղ էին քաղաքապետը, մունետիկը և դատավորները։
Քաղաքային մունետիկը շեփորը հնչեց երեք անգամ, հետո նա դիմեց ժողովրդին և ասաց․
― Դամմե քաղաքի դատավորը գթալով Կատլին կոչված կնոջը՝ չցանկացավ պատժել նրան ըստ օրենքի ծայրահեղ խստության, սակայն վկայելու համար, որ նա կախարդ է, նրա մազեըր պետք է այրվեն և նա պետք է վճարի քսան ոսկի կառոլուս որպես տույժ և աքսորվի երեք տարով Դամմեի տերիտորիայից՝ անդամահատվելու սպառնալիքով։
Եվ ժողովուրդը ծափահարեց այդ դաժան մեղմությանը։
Այն ժամանակ դահիճը Կատլինին կապեց սյունին, նրա սափրված գլխի վրա դրեց կանեփի խծուծ և կրակ տվեց։ Երկար ժամանակ այրվում է կանեփը, իսկ Կատլինն աղաղակում ու լալիս։
Հետո նրան արձակեցին և Դամմեի հողից դուրս տարան սայլակով, որովհետև նրա ոտքերն այրված էին։
XXXIX
Ուլենշպիգելն այդ ժամանակ Բրաբանտի Բուա լը Դյուկ քաղաքում էր, որի մեծամեծները ուզեցին նրան նշանակել իրենց ծաղրածուն, բայց նա մերժեց այդ պատվավոր պաշտոնը՝ ասելով․ «Թափառական ուխտավորը կարող է կանգ առնել և զվարճացնել միայն պանդոկներում և ճամփաների վրա»։
Այդ ժամանակ Ֆիլիպը, որ նաև Անգլիայի թագավորն էր, եկավ այցելելու իրեն ժառանգություն ընկած ապագա երկրները՝ Ֆլանդրիան, Բրաբանտը, Հենոն, Հոլանդիան և Զելանդիան։ Նա արդեն քսանինը տարեկան էր, նրա գորշավուն աչքերում ապրում էին դառն մելամաղձությունը, դժնի ծածկամտությունը և դաժան կամակորությունը։ Պաղ էր նրա դեմքը, անթեքելի՝ նրա շիկահեր գլուխը, անթեքելի էին նաև նրա վտիտ իրանը և բարակ սրունքները։ Դանդաղ և ճապաղ էր նրա խոսքը՝ ասես բերանը լցված լիներ բրդով։
Նիզակամարտերի, մրցախաղերի և տոնակատարությունների ընթացքում նա այցելեց Բրաբանտի ուրախ դքսությունը և իր մյուս կոմսությունները։ Ամենուրեք նա երդվեց պահպանել առանձնաշնորհումները, բայց երբ Բրյուսելում ավետարանի վրա երդում տվեց պահպանելու Բրաբանտի ոսկեղեն հրովարտակը, նրա ձեռքն այնպես սաստիկ կծկվեց, որ ստիպվեց հետ քաշել սուրբ գրքից։
Նա ճանապարհվեց Անտվերպեն, ուր նրան ընդունելու համար շինեցին քսանչորս հաղթական կամար։ Քաղաքը ծախսեց երկու հարյուր ութսուն յոթ հազար ֆլորին այդ կամարների վրա, ինչպես նաև հազար ութ հարյուր յոթանասուն ինը վաճառականների զգեստների համար, բոլորը ծիրանագույն թավշից, և չորս հարյուր տասնվեց սպասավորների ճոխ նշանազգեստի ու չորս հազար քաղաքացիների մետաքսյա փայլուն միատեսակ տարազների համար։ Նիդեռլանդական գրեթե բոլոր քաղաքների ուսանողները բազում տոնահանդեսներ կազմակերպեցին։
Հանդես եկան իրենց խեղկատակների և խեղկատակուհիների հետ միասին Տուրնեի Սիրո իշխանը, հեծած Աստարտե անունով մի էգ խոզի, Լիլի Ապուշների թագավորը, որն իր ձիու պոչից բռնած քայլում էր նրա հետևից, Վալանսիենի Զվարճանքի իշխանը, որ զվարճանում էր, համրելով իր էշի բաց թողած փուքերը, Արրասի Ցնծության աբբան, որ բրյուսելյան գինի էր խմում ժամագրքի ձև ունեցող շշից, և դա ուրախ ժամերգություն էր, Սթի Չունեգորիների աբբան, որ հագին ուներ միայն ծակ ճերմակեղեն և ծռմռված կոշիկներ, բայց ուներ մի երշիկ, որով լցնում էր իր հաստ փորը, Խենթերի ավագը, մի ջահել տղա, որ հեծած մի վախկոտ այծի՝ արշավում էր բազմության մեջ և նրա պատճառով բազում հարվածներ էր ստանում, Կենուայի Արծաթե պնակի աբբան, որ ձի հեծած այնպես էր ցույց տալիս, թե նստած է ափսեի մեջ՝ ասելով, «Չկա սյնպիսի խոշոր մի անասուն, որ կրակի վրա չխորովվի»։
Ու նրանք ամեն տեսակ անմեղ զվարճություններ կատարեցին, բայց արքան մնաց տխուր ու մռայլ։
Նույն երեկոյան Անտվերպենի մարկգրաֆը, բուրգոմիստրները, մեծամեծներն ու ավագերեցները հավաքվեցին գտնելու համար մի այնպիսի խաղ, որ կարողանար ծիծաղեցնել Ֆիլիպ թագավորին։
Մարկգրաֆն ասաց․
― Դուք լսե՞լ եք ոմն Պիերկին Յասոբսենի մասին, Բուա֊լը֊Դյուկ քաղաքի ծաղրածուի, որ հռչակված է իր կատակներով։
― Այո, ― պատասխանեցին նրանք։
― Բերենք նրան այստեղ, ― ասաց մարկգրաֆը, ― թո՛ղ նա ցույց տա իր հնարքները, քանի որ մեր ծաղրածուի ոտնամաններում ասես արճիճ կա։
― Բերենք նրան այստեղ, ― պատասխանեցին մեծամեծները։
Երբ Անտվերպենի սուրհանդակը եկավ Բուա֊լը֊Դյուկ, նրան ասացին, թե ծաղրածու Պիերկինը ծիծաղից պայթել է, բայց քաղաքում մի ուրիշ անցորդ ծաղրածու կա, Ուլենշպիգել անունով։ Սուրհանդակը նրան գտավ մի գինետան մեջ, ուր նա խեցգետնի խորոված էր ուտում և խեցիերով զարդարում էր մի ջահել աղջկա շրջաղգեստը։
Ուլենշպիգելը հրճվեց, երբ իմացավ, որ իր համար է եկել Անտվերպենի սուրհանդակը, հեծած Վյորն֊Ամբոխտյան մի գեղեցիկ նժույգ և մի ուրիշ նժույգի էլ սանձից բռնած։
Առանց ցած իջնելու, սուրհանդակը նրան հարցրեց, թե կարո՞ղ է գտնել մի նոր խաղ Ֆիլիպ թագավորին ծիծաղեցնելու համար։
― Մի ամբողջ հանք ունեմ մազերիս տակ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Նրանք ճամփա ընկան։ Զույգ նժույգները սանձակոծ՝ Անտվերպեն տարան Ուլենշպիգելին և սուրհանդակին։
Ուլենշպիգելը ներկայացավ մարկգրաֆին, երկու բուրգոմիստրներին և համայնքի ավագներին։
― Ի՞նչ ես մտածում անել, ― նրան հարցրեց մարկգրաֆը։
― Թռչել օդում, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Այդ ինչպե՞ս պետք է անես, ― հարցրեց մարկգրաֆը։
― Դուք գիտե՞ք ի՛նչն է ավելի անարժեք, քան պայթող փուչիկը, ― ասաց Ուլենշպիգելը։
― Չգիտեմ, ― պատասխանեց մարկգրաֆը։
― Այն գաղտնիքը, որը բացվում է, ― ասաց Ուլենշպիգելը։
Տոնական խաղերի մունետիկները՝ հեծած իրենց գեղեցիկ նժույգները, որոնք զարդարված էին ծիրանագույն թավշով, շրջում էին քաղաքի մեծ փողոցներում, հրապարակներում ու քառուղիներում՝ փող հնչեցնելով և թմբուկ զարկելով։ Նրանք ծանուցում էին տիկիններին ու պարոններին, թե Ուլենշպիգելը, Դամմե քաղաքի ծաղրածուն, պետք է թռչի օդի մեջ նավամատույցում, ուր ներկա կլինի տախտակամածի վրա բազմած Ֆիլիպ թագավորն իր պայծառափայլ և ազնվազարմ շքախմբի հետ։
Տախտակամածի դեմ֊դիմաց իտալական ոճով կառուցված մի տուն կար, որի տանիքի երկայնքին ձգվում էր մի ջրհորդան։ Ձեղնահարկի պատուհաններից մեկը նայում էր ջրհորդանին։
Ուլենշպիգելը էշի վրա նստած այդ օրը շրջեց ամբողջ քաղաքը։ Մի հետիոտն սպասավոր վազում էր նրա կողքից։ Ուլենշպիգելը հագել էր մուգ կարմիր մետաքսե գեղեցիկ զգեստ, որ ընծայել էին նրան համայնքի ավագները։ Նրա գլխարկը մի կնգուղ էր, նույնպես մուգ կարմիր, որի վրա կար մի զույգ էշի ականջ՝ ծայրերին մեկական զանգուլակ։ Նրա վզից կախված էր պղնձե վահանակներից կազմված մանյակ, որոնց վրա դրոշմաված էր Անտվերպենի զինանշանը։ Զգեստի թևերի ծայրին զնգզնգում էին մեկական ոսկեզօծ բոժոժներ։ Նրա ոտքերին կային ոսկեզօծ սրածայր մաշիկներ, ծայրերին նույնպես բոժոժներ։
Նրա էշը զարդարված էր նույնպես մուգ կարմիր մետաքսով և յուրաքանչյուր ազդրի վրա կրում էր Անտվերպենի զինանշանը՝ ասեղնագործված նուրբ ոսկեթելով։
Սպասավորը մի ձեռքով թափահարում էր մի էշի գլուխ, իսկ մյուսով՝ մի ճյուղ, որի ծայրին զնգզնգւմ էր կովի վզի զանգակ։
Ուլենշպիգելը փողոցում թողնելով իր սպասավորին և էշին՝ բարձրացավ ջրհորդանի վրա։
Այնտեղ շարժելով իր բոժոժները՝ նա լայն բաց արավ իր թևերը՝ կարծես թռչելու նպատակով։ Հետո կռանալով դեպի Ֆիլիպ թագավորը ասաց․
― Ես կարծում էի, որ Անտվերպենում ինձնից բացի ուրիշ խենթ չկա, բայց տեսնում եմ, որ քաղաքը դրանցով լիքն է։ Եթե դուք ինձ ասեիք, որ պիտի թռչեք, ես չպիտի հավատայի, բայց երբ մի խենթ ծաղրածու գա և ասի ձեզ, թե ինքը թռչելու է, դուք նրան հավատում եք։ Ես ինչպե՞ս կարող եմ թռչել, երբ թևեր չունեմ։
― Մի քանիսը ծիծաղում էին, ոմանք հայհոյում, բայց բոլորն էլ ասում էին․
― Բայց և այնպես ծաղրածուն ճիշտ է ասում։
Սակայն Ֆիլիպ թագավորը մնաց ձիգ ու անշարժ, ինչպես մի քարե արքա։
Ու համայնքի ավագները ցած ձայնով ասացին միմյանց․
― Հարկ չկար այսքան մեծ հանդեսներ սարքել մի այդպիսի թթու կերպարանքի համար։
Նրանք երեք ֆլորին տվեցին Ուլնեշպիգելին, խլեցին մուգ կարմիր մետաքսյա զգեստը, և նա մեկնեց։
― Ի՞նչ բան է երեք ֆլորին մի երիտասարդի գրպանում, եթե ոչ մի ձյունագունդ կրակի առաջ, մի լիքը շիշ ձեր դիմաց, մեծակոկո՛րդ խմողներ։ Երեք ֆլորի՜ն։ Տերևները թափվում են ծառից, բայց նորերն են աճում, իսկ ֆլորինները դուրս են գալիս գրպանից և այլևս չեն վերադառնում այնտեղ։ Թիթեռնիկները թռչում են ամռան հովի հետ, ֆլորիններն էլ նմանապես, թեև նրանք կշռում են երկու էստեռլին[10] և ինը աս։
Այս ասելով Ուլենշպիգելը նայում էր իր երեք ֆլորիններին։
― Ի՜նչ հպարտ կեցվածք ունի այս դրամի վրա Կառլոս կայսրը՝ զրահով, սաղավարտով, մի ձեռքում բռնած սուրը, մյուսում՝ այս դժբախտ աշխարհի երկրագունդը։ Նա, շնորհոքն աստուծո, հռոմեական կայսր է, իսպանիայի թագավոր և այլն, և նա խիստ ողորմած է մեր երկրների համար, զրահազգեստ կայսրը։ Եվ ահա մյուս երեսին մի տոհմանշան՝ վրան փորագրված են դուքսի, կոմսի, իր զանազան կալվածների զինանշանները՝ հետևյալ գեղեցիկ նշանաբանով․ «Da mihi virtutem contra hostes tuos»։ («Տուր ինձ ուժ ընդդեմ թշնամյաց քո»)։ Նա քաջ էր, արդարև, ռեֆորմատների դեմ, որոնց գույքը բռնագրավում էր։ Ա՛հ, եթե ես լինեի Կառլոս կայսրը, կհրամայեի ֆլորիններ կտրել բոլորի համար, ամենքը հարուստ կլինեին, այլևս ոչ ոք չէր աշխատի։
Բայց Ուլենշպիգելը զուր էր նայում գեղեցիկ ոսկեդրամին, նա ճանապարհ էր ընկել դեպի կործանման աշխարհը՝ շշերի ու բաժակների ուրախ աղմուկի մեջ։
XL
Ջրհորդանի վրա կարմիր մետաքսե զգեստով կանգնած միջոցին, Ուլենշպիգելը չէր տեսել Նելեին, որը ժպտալով նայում էր նրան բազմության միջից։ Այդ ժամանակ Նելեն ապրում էր Անտվերպենի մոտիկ գտնվող Բորգերհաուտում և իմացել էր, որ այդ կարող է լինել միայն իր բարեկամ Ուլենշպիգելը։
Եվ որովհետև Ուլենշպիգելը երազկոտ անցնում էր ճանապարհով, ուստի չլսեց իր հետևից եկող արագ ոտնաձայնը, բայց զգաց երկու ձեռքերի հպումը իր աչքերի վրա։ Կռահելով, որ դա Նելեն է, նա հարցրեց․
― Դու այստե՞ղ ես։
― Այո, ― պատասխանեց Նելեն, ― ես վազում եմ քո հետևից այն օրից, որ դու քաղաքից դուրս ես եկել։ Արի՛ ինձ հետ։
― Իսկ ո՞ւր է Կատլինը։
― Դու չգիտես, որ նրան տանջեցին որպես կախարդուհու, անարդար կերպով, հետո աքսորեցին Դամմեից երեք տարով, այրեցին նրա ոտքերը և կանեփ վառեցին նրա գլխի վրա։ Ես ասում եմ քեզ այս բոլորը, որպեսզի դու չվախենաս նրան տեսնելիս, որովհետև նա խելագարված է սոսկալի տանջանքներից։ Հաճախ նա ժամերով նայում է իր ոտներին և ասում․ «Հանսկե, իմ քաղցր սատանա, տե՛ս, ինչ են արել քո սիրուհուն»։ Նրա ոտները զույգ վերքերի նման են։ Հետո նա լալիս է և ասում․ «Ուրիշ կանայք ունեն ամուսին կամ սիրահար, իսկ ես այս աշխարհում ապրում եմ որբևայրու պես»։ Ես նրան ասում եմ, որ իր Հանսկեն կսկսի ատել նրան, եթե նա խոսի նրա մասին ուրիշների առաջ, բացի ինձնից։ Ու նա հնազանդվում է ինձ երեխայի նման, միայն թե երբ կով կամ եզ է տեսնում՝ իր տանջանքների պատճառը, լեղապատառ փախչում է, ու ոչինչ չի կարող կանգնեցնել նրան, ո՛չ պատնեշը, ո՛չ առու, ո՛չ փոս, մինչև որ ընկնում է ուժասպառ մի ճանապարհի անկյունում կամ մի ագարակի պատի տակ, որտեղ ես գտնում եմ նրան ու փաթաթում նրա արնաշաղախ ոտքերը։ Ու ես կարծում եմ, որ երբ կանեփի խծուծ այրեցին նրա գլխի վրա, այրեցին նաև նրա ուղեղը գլխի մեջ։
Ու երկուսն էլ խիստ տխրեցին՝ խորհելով Կատլինի մասին։
Նրանք գնացին նրա մոտ և տեսան նրան նստած մի նստարանի վրա արևի տակ, իր տան պատի մոտ։ Ուլենշպիգելն ասաց նրան․
― Ինձ ճանաչո՞ւմ ես։
― Չորս անգամ երեք, ― խոսեց Կատլինը, ― նվիրական թիվ է, և տասներեքերորդը Թերեբն է, սատանայական թիվը։ Ո՞վ ես դու, չար աշխարհի զավակ։
― Ես Ուլենշպիգելն եմ՝ որդին Սոոտկինի և Կլաասի, ― պատասխանեց նա։
Կատլինը շարժեց գլուխը և ճանաչեց նրան․ հետո մատով իր մոտ կանչեց և շշնջաց նրա ականջին․
― Եթե տեսնես նրան, որի համբյուրները ձյունի նման են, ասա, որ վերադառնա, Ուլենշպիգել։
Հետո ցույց տալով իր խանձված մազերը՝ ասաց․
― Ցավում է, նրանք խլեցին իմ խելքը, բայց երբ նա վերադառնա, նորից կլցնի իմ գլուխը, որը բոլորովին դատարկ է հիմա։ Լսո՞ւմ ես, զանգի ձայն է հանում, դա իմ հոգին է, որ ծեծում է դուռը դուրս գալու համար, որովհետև այրվում է։ Եթե Հանսկեն գա և չուզենա լցնել իմ գլուխը, ես նրան կասեմ, որ դանակով մի ծակ բաց անի։ Այնտեղ փակված հոգիս ուզում է դուրս գալ ու խփում է շարունակ, անտանելի ցավ է և ես կմեռնեմ, այո։ Եվ ես է՛լ չեմ քնում ու միշտ սպասում եմ նրան, թո՛ղ գա և լցնի իմ գլուխը, այո՛։
Եվ նա կուչ եկավ ու հեծեծաց։
Գյուղացիները երեկոյան զանգերի հետ դաշտից տուն վերադառնալով անցնում էին Կատլինի առջևից և ասում․
― Խելագա՛րն է։
Ու խաչակնքում էին իրենց երեսը։ Իսկ Նելեն և Ուլենշպիգելը լալիս էին, և Ուլենշպիգելը շարունակեց ուխտավորի իր ճանապարհը։
XLI
Այսպես թափառելով Ուլենշպիգելը ծառայության մտավ ոմն Յոսեի մոտ, որի մականունը Կվաբակկեր էր, այսինքն «բարկացած հացագործ»՝ իր թթու երեսի պատճառով։ Կվաբակկերը որպես սնունդ տալիս էր նրան շաբաթական երեք քարթու հաց, և որպես բնակարան՝ մի խորշ կտուրի տակ, ուր անձևն ու քամին ազատ մուտք ունեին։
Տեսնելով, որ իր հետ այդպես վատ են վարվում՝ Ուլենշպիգելը հացագործի գլխին զանազան խաղեր խաղաց և ի միջի այլոց՝ հետևյալը։ Երբ հացը թխում են վաղ առավոտյան, ալյուրը պետք է մաղել գիշերով։ Մի լուսնյակ գիշեր Ուլենշպիգելը ճրագ պահանջեց այդ աշխատանքը կատարելու համար և ստացավ հետևյալ պատասխանը․
― Ալյուրը մաղի՛ր լուսնի լույսով։
Ուլենշպիգելը հնազանդվելով ալյուրը մաղեց գետնի վրա, այնտեղ, ուր լուսնի շողն էր ընկել։
Առավոտյան հացագործը գնաց տեսնելու, թե ի՛նչ է արել Ուլեմշպիգելը և տեսավ, որ նա դեռ մաղում է։
― Ալյուրը այդքան անարժեք բա՞ն դարձավ, որ հիմա գետնի ես մաղում, ― ասաց նա։
Ես մաղել եմ լուսնի լույսով, ինչպես դուք հրամայեցիք, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Տխմա՛ր ավանակ, ալյուրը մաղով են մաղում, և ոչ թե լուսնի լույսով։
― Ես կարծեցի, որ լուսնյակի մաղը նոր գյուտ է, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― բայց վնասը մեծ չէ, ես հիմա կհավաքեմ ալյուրը։
― Շատ ուշ է խմոր պատրաստելու և հաց թխելու համար, ― ասաց հացագործը։
Ուլենշպիգելը հարեց․
― Վարպետ, հարևանի խմորը պատրաստ է, գնա՞մ բերեմ։
― Գնա՛, կախաղանի արժանի, ― պատասխանեց հացագործը, ― և բե՛ր, ինչ որ գտնես։
― Գնում եմ, վարպետ, ― ասաց Ուլենշպիգելը։
Նա վազեց կախաղանների հրապարակը և այնտեղ գտավ մի գողի չորացած ձեռքը ու բերեց հացագործին։
― Ահա քեզ մի փառավոր ձեռք, որն անտեսանելի է դարձնում բոլոր նրանց, ովքեր կրում են այն իրենց վրա։ Այսուհետև դու կթաքցնե՞ս քո չար բնավորությունը, թե ոչ։
― Ես քո մասին կհայտնեմ համայնքին, ― պատասխանեց հացագործը, ― և դու կտեսնես, որ խախտել ես հնազանդության օրենքը։
Երբ նրանք երկուսով ներկայացան բուրգոմիստրին, հացագործը ցանկանալով թվել Ուլենշպիգելի հանցանքների շարանը՝ տեսավ, որ նա աչքերը լայն֊լայն չռել է։ Նա այնքան սաստիկ բարկացավ, որ ընդհատեց իր մեղադրական ճառը։
― Ի՞նչ ես ուզում, ― ասաց նա։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Դու ասացիր, որ այնպես ես մեղադրելու ինձ, որ ես կտեսնեմ։ Ես էլ ուզում եմ տեսնել, ահա թե ինչու եմ նայում։
― Հեռացի՛ր աչքիցս, ― գոչեց հացագործը։
― Եթե ես քո աչքերի մեջ լինեի, դուրս գալ չէի կարող, երբ դու փակում ես նրանց, մնում է ինձ միայն քթածակերով փախչել։
Բուրգոմիստրը տեսնելով, որ գործը շատ խճճված է, այլևս չուզեց լսել նրանց։
Ուլենշպիգելը և հացագործը միասին դուրս եկան, հացագործն իր գավազանը բարձրացրեց նրա վրա։ Ուլենշպիգելը խուսափելով հարվածից՝ ասաց․
― Վարպե՛տ, քանի որ ծեծով ես ուզում մաղել իմ ալյուրը, քեզ վերցրու թեփը ― դա քո բարկությունն է, ինձ կմնա մաքուր ալյուրը ― դա իմ զվարթությունն է։
Հետո ցույց տալով նրան իր հակառակ կողմը՝ ավելացրեց․
― Իսկ սա փուռն է, թխի՛ր, ինչ կամենաս։
XLII
Թափառական Ուլենշպիգելը հոժարությամբ կդառնար մեծ ճանապարհների գող, բայց գողանալու ոչինչ չկար, բացի քարերից, որոնք շատ ծանր էին փոխադրելու համար։
Նա քայլում էր աննպատակ Աուդենարդի ճանապարհի վրա, որտեղ այդ ժամանակ գտնվում էր ֆլամանդական զինվորների մի կայազոր, որին հանձնարարված էր պաշտպանել քաղաքը՝ մորեխի նման երկիրն ավերող ֆրանսիական ջոկատների դեմ։
Ֆլամանդական զորքի պետը մի կապիտան էր, ծագումով ֆրիսլանդացի, Կորնյուին անունով։ Նրանք նույնպես շրջում էին տափարակ երկրում և կողոպտում ժողովրդին, որն ըստ սովորության, կեղեքվում էր երկու կողմից։
Նրանց ձեռքից ոչինչ չէր ազատվում՝ հավ, ճուտ, բադ, աղավնի, հորթ և խոզ։ Մի օր, երբ նրանք վերադառնում էին բեռնավորված ավարով, Կորնյուինն ու իր տեղակալները մի ծառի տակ նկատեցին Ուլենշպիգելին, որը քնած էր խորոված երազելով։
― Ի՞նչ ես անում ապրելու համար, ― հարցրեց Կորնյուինը։
― Մեռնում եմ սովից, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ի՞նչ է քո արհեստը։
― Թափառել իմ մեղքերի համար, դիտել ուրիշի աշխատանքը, պարել չվանի վրա, նկարել սիրունիկ դեմքեր, քանդակել դանակի կոթեր, նվագել rommelpot և փչել շեփոր։
Եթե Ուլենշպիգելն այդպես համարձակ խոսում էր շեփորի մասին, պատճառն այն էր, որ նա իմացել էր, թե Աուդենարդի դղյակի փողհարի պաշտոնը թափուր էր այդ աշխատանքը կատարող մի ծերունու մահվան հետևանքով։
Կորնյուինը ասաց նրան․
― Դու կլինես քաղաքի փողհարը։
Ուլենշպիգելը հետևեց նրան ու ելավ պատնեշների ամենաբարձր աշտարակը, ուր ազատ փչում էին չորս քամիները, բացի հարավային քամուց, որը փչում էր այնտեղ, միայն մեկ թևով։
Նրան հրամայեցին իսկույն փչել շեփորը, երբ թշնամիները երևան, ըստ որում՝ գլուխը պայծառ պահել և աչքերը միշտ բաց, ուստի ուտելու և խմելու շատ բան չպիտի տային նրան։
Կապիտանն ու իր վարձկանները ապրում էին աշտարակում և կերուխում էին անում օրն ի բուն գավառի հաշվին։ Այստեղ նրանք մորթեցին և կերան գիրացած աքլորներ, որոնց միակ հանցանքը ճարպն էր։ Ուլենշպիգելը, որին միշտ մոռանում էին և որը ստիպված էր գոհանալ ջրիկ ապուրով, այնքան էլ չէր հրճվում խորտիկների անուշ բուրմունքն առնեով։
Ֆրանսիացիերը եկան և շատ անասուններ խլեցին․ Ուլենշպիգելը բնավ փող չփչեց։
Կորնյուինը բարձրացավ նրա մոտ և ասաց․
― Ինչո՞ւ փողը չփչեցիր։
― Ես ձեզ շնորհակալություն չեմ հայտնել կերուխումի համար, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Հաջորդ օրը կապիտանը պատվիրեց մի մեծ խնջյուք իր և իր օգնականների համար, բայց Ուլենշպիգելը դարձյալ մոռացվեց։ Նրանք խժռելու վրա էին, երբ Ուլենշպիգելը փչեց շեփորը։
Կորնյուինը և իր վարձկանները կարծելով, թե ֆրանսիացիներն են, թողին գինիներն ու խորտիկները, թռան ձիերի վրա և շտապ արշավեցին քաղաքից դուրս, բայց դաշտում ոչինչ չգտան, բացի արևի տակ որոճացող մի եզից, որին քաշելով բերին իրենց հետ։
Մինչ այդ Ուլենշպիգելը փորը լցրել էր գինիով և խորտիկներով։ Կապիտանը վերադառնալով՝ տեսավ նրան կանգնած խնջույքի սրահի դռան մոտ, ժպիտը երեսին և սրունքները երերուն։
― Դավաճանի գործ է տագնապ հնչեցնել, երբ թշնամուն չես տեսնում, և չհնչեցնել, երբ նրան տեսնում ես։
― Պարո՛ն կապիտան, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― իմ աշտարակում չորս կողմից փչող քամիներն այնքան էին ուռցրել ինձ, որ ես կարող էի փուչիկի նման լողալ օդում, եթե փող փչելով փուքը դուրս չհանեի։ Կախեցեք ինձ հիմա կամ մի ուրիշ անգամ, երբ ձեր թմբուկների համար էշի կաշու կարիք կունենաք։
Կորնյուինը հեռացավ առանց ոչ մի խոսք ասելու։
Սակայն Աուդենաարդում լուր ստացվեց, որ շնորհազարդ Կառլոս կայսրը ժամանելու է այդ քաղաքը իր ազնվազարմ շքախմբով։ Այդ առթիվ քաղաքի մեծամեծները մի երկփող դիտակ տվին Ուլենշպիգելին, որպեսզի նա հեռվից կարողանա տեսնել Նորին վեհափառության գալուստը։ Ուլենշպիգելը պետք է երեք անգամ փչեր փողը, հենց որ տեսներ կայսրի մոտենալը Լուպպենհեմին, որը Բորգոպորտի դարպասներից մի քառորդ մղոն հեռու է։
Մինչ այդ քաղաքացիները ժամանակ կունենային հնչեցնելու զանգերը, պատրաստելու հրթիռները, կրակի վրա դնելու խորտիկները և բանալու տակառները։
Մի օր, կեսօրի մոտ, քամին փչում էր Բրաբանտից, ու երկինքը պայծառ էր։ Ուլենշպիգելը Լուպպեհեմ տանող ճանապարհի վրա տեսավ հեծյալների մի մեծ խումբ՝ նստած ծառս եկող ձիերի վրա, իրենց գլխարկի փետուրները օդում տատանելիս։ Մի քանիսը կրում էին դրոշակներ։ Ամենից առաջ հպարտորեն արշավող հեծյալը կրում էր ոսկեզօծ գդակ խոշոր փետուրներով։ Նա հագել էր թխագույն թավշյա զգեստ՝ ասեղնագործված ոսկեթելով։
Ուլենշպիգելը դրեց իր դիտակը ու տեսավ, որ դա Կառլոս Հինգերորդ կայսրն է գալիս արտոնելու աուդենաարդցիներին՝ իրեն մատուցելու իրենց լավագույն գինիներն ու լավագույն խորտիկները։
Այդ ամբողջ խումբը առաջանում էր դանդաղ քայլերով՝ ծծելով թարմ օդը, որն ախորժակ է բաց անում, բայց Ուլենշպիգելը մտածեց, որ նրանք սովորաբար կուշտ ուտում են և չեն մեռնի, եթե մի օր ծոմ պահեն։ Ուստի նա դիտեց նրանց գալուստը և ամենևին փող չփչեց։
Նրանք մոտենում էին ծիծաղելով և զրուցելով, մինչդեռ Նորին վահափառությունը նայում էր ստամոքսին՝ տեսնեու համար, թե այնտեղ բավականաչափ տեղ կա՞ Աուդենաարդի բնակիչների մատուցելլիք ճաշի համար։
Կայսրը զարմացավ ու դժգոհեց, որ ոչ մի զանգ չի հնչում իր գալուստը ծանուցելու համար։
Այդ ժամանակ մի գյուղացի վազեվազ հասավ քաղաք և հայտնեց, որ շրջակայքում տեսել էր մի խումբ ֆրանսիացիների, որոնք արշավում էին քաղաքի վրա՝ այնտեղ ամեն ինչ կողոպտելու և խժռելու համար։
Այդ լսելով դռնապանը փակեց դարպասը և մի սպասավոր ուղարկեց հայտնելու քաղաքի մյուս դռնապաններին։ Սակայն ֆլամանդական զինվորները անտեղյակ՝ շարունակում էին իրենց կերուխումը։
Նորին վեհափառությունը մոտենում էր զայրացած, որ չի լսում զանգերի, թնդանոթների և հրացանների ղողանջը, թնդյունը և ճայթյունը։ Ականջը սրելով նա լսեց միայն կեսօր ծանուցող զանգերի ղողանջը, հասավ փակ դարպասին և բռունցքով ծեծեց, որ բանան։
Շքախմբի իշխանները, Նորին վեհափառության նման զայրացած, քթի տակ մրթմրթում էին կծու խոսքեր։ Դռնապանը, որ պատնեշների բարձրունքի վրա էր, բղավեց, որ եթե նրանք չդադարեն այդ աղմուկը, նա տաք արճճով կհովացնի նրանց անհամբերությունը։
Բայց մոլեգնած վեհափառությունը գոչեց․
― Կո՛ւյր խոզ։ Մի՞թե չես ճանաչում քո կայսրին։
Դռնապանը պատասխանեց․
― Ոսկեզօծ խոզերը մյուսներից պակաս խոզեր չեն, ես գիտեմ, դուք՝ ֆրանսիացիներդ հայտնի կատակասերներ եք, չէ որ Կառլոս կայսրը ներկայումս պատերազմում է Իտալիայում և չի կարող Աուդենաարդի դարպասների մոտ լինել։
Այս խոսքերի վրա Կառլոսը և իր իշխանները ավելի սաստիկ գոռացին, ասելով։
― Եթե բաց չանես, մենք քեզ խորովել կտանք մի նիզակի ծայրին և նախապես կստիպենք քեզ ուտել քո բանալիները։
Նրանց աղմուկը լսելով՝ մի ծերունի զինվոր դուրս եկավ հրետանու զինանոցից և պարսպի վրայից նայելով, ասաց․
― Դռնապա՛ն, դու սխալվում ես, սա մեր կայսրն է, ես նրան լավ եմ ճանաչում, թեև նա բավական ծերացել է այն օրվանից, երբ այստեղից Լալենի դղյակը տարավ Մարիա Վանդեր֊Գեյնստին։
Դռնապանը վախից ընկավ կիսամեռ, զինվորը վերցրեց բանալիները և գնաց բանալու դարպասը։
Կայսրը հարցրեց, թե ինչու իրեն այդքան երկար սպասեցնել էին տվել։ Երբ զինվորը բացատրեց պատճառը, Նորին վեհափառությունը հրամայեց նրան փակել դարպասը և կանչել Կորնյուինի զինվորներին, որոնց նա հրամայեց զինվորական քայլով անցնել իր առջևից՝ զարկելով իրենց թմբուկները և նվագելով սրինգները։
Շուտով, մեկ առ մեկ արթնացան բոլոր զանգերը և ղողանջեցին ամբողջ ուժով։ Այսպես ծանուցվելով՝ Նորին վեհափառությունը կայսերական շառաչյունով եկավ Մեծ շուկան։ Բուրգոմիստրները և ատենակալները հավաքվել էին այնտեղ։ Ատենակալ Յան Գիգելերը շնչասպառ վազելով եկավ։ Նա մտավ նիստերի դահլիճը և ասաց․
― Keyser Karel is alhiert (Կառլոս կայսրն այստեղ է։)
Այս լուրը լսելով սարսափած բուրգոմիստրները, ատենակալներն ու խորհրդականները դուրս եկան համայնքի տնից և գնացին ամբողջ կազմով ողջունելու կայսրին, մինչդեռ նրանց սպասավորները շրջում էին ամբողջ քաղաքը՝ պատրաստելու համար հրթիռները, կրակի վրա դնելու խորտիկները և բանալու տակառները։
Տղամարդիկ, կանայք և երեխաները վազում էին ամենուրեք, աղաղակելով․
― Keyser Karel is op't groot markt! Կառլոս կայսրը Մեծ շուկայումն է։
Շուտով մեծ բազմություն հավաքվեց հրապարակում։
Կայսրը խիստ զայրացած՝ հարց տվեց երկու բուրգոմիստրներին, թե արդյոք նրանք արժանի՞ չեն կախաղանի՝ իրենց վեհապետի հանդեպ ունեցած հարգանքի մեջ թերանալու համար։
Բուրգոմիստրները պատասխանեցին, թե արդարև արժանի են, բայց Ուլենշպիգելը, աշտարակի փողհարը, ավելի արժանի է, նկատի ունենալով, որ նրան դրել էին այնտեղ՝ զինված մի երկփող դիտակով, և խստորեն պատվիրել երեք անգամ հնչել փողը, հենց որ տեսներ կայսերական թափորի մոտենալը։ Բայց նա ոչինչ չէր արել։
Կայսրը դեռևս զայրացած՝ հրամայեց կանչել Ուլենշպիգելին։
― Ինչո՞ւ դու չփչեցիր փողը, ունենալով այդքան պայծառ դիտակ, երբ տեսար իմ գալուստը, ― ասաց նրան կայսրը։
Այդ ասելով՝ նա ձեռքով ծածկեց աչքերն արևի պատճառով և նայեց Ուլենշպիգելին։
Վերջինս նույնպես ձեռքով ծածկեց իր աչքերը և պատասխանեց, որ այն բանից հետո, երբ նա տեսել էր Նորին վեհափառությանը մատների արանքով նայելիս, այլևս չէր ցանկացել դիտակ գործածել։
Կայսրը նրան ասաց, որ նա կախվելու է․ քաղաքի դռնապանն ասաց, որ այդպես էլ հարկավոր է, իսկ բուրգոմիստրներն այնքան ահաբեկվեցին այդ դատավճռից, որ ոչինչ չպատասխանեցին՝ ո՛չ հավանություն տալու, ո՛չ էլ հակաճառելու համար։
Եկավ դահիճն իր օգնականներով։ Բերեցին մի երկար սանդուղք և մի նոփ֊նոր պարան, բռնեցին Ուլենշպիգելի օձիքից։ Նա քայլում էր Կորնյուինի հարյուր զինվորների առջևից՝ բոլորովին հանգիստ և աղոթքներ մրմնջալով։ Բայց զինվորները ծաղրում էին նրան կծու խոսքերով։ Նրանց հետևող բազմությունն ասում էր․
― Չափազանց դաժան բան է այսպես մահվան դատապարտել մի խեղճ տղայի այդքան թեթև հանցանքի համար։
Այնտեղ կային մեծ թվով ջուլհակներ՝ բոլորն էլ զինված, և ասում էին․
― Մենք թույլ չենք տա կախել Ուլենշպիգելին․ դա հակառակ է Աուդենաարդի օրենքներին։
Սակայն հասել էին արդեն կախաղանների դաշտը։ Ուլենշպիգելին բարձրացրին սանդուղքի վրա, և դահիճը գցեց պարանը նրա վզին։ Ջուլհակները խռնվեցին կախաղանի շուրջը։ Ավագ ատենակալն այնտեղ էր, ձիու վրա, որի ուսին հենել էր արդարադատության գավազանը, որով նա կայսրի հրամնով պետք է տար մահապատժի կատարման ազդանշանը։
Հավաքված բազմությունն աղաղակում էր․
― Գթությո՜ւն, գթությո՜ւն Ուլենշպիգելին։
Ուլենշպիգելն իր սանդուղքի վրայից ասում էր․
― Գթություն, ողորմա՜ծ կայսր։
Կայսրը բարձրացրեց ձեռքը և ասաց․
― Եթե այդ ստահակը ինձնից խնդրի մի բան, որ չկարողանամ կատարել, նա կփրկվի մահից։
― Խոսի՜ր, Ուլենշպիգել, ― աղաղակեց ժողովուրդը։
Կանայք լալիս էին և ասում․
― Նա ոչինչ չի կարող խնդրել, խեղճ տղան, որովհետև կայսրն ամենակարող է։
Ու ամենքն ասում էին․
― Խոսի՜ր, Ուլենշպիգել։
― Սրբազան վեհափառություն, ― ասաց Ուլենշպիգելը, ― ես ձեզնից չեմ խնդրի ո՛չ դրամ, ո՛չ հող, ո՛չ կյանք, այլ միայն մի բան, որի համար դուք չեք հրամայի ո՛չ մտրակել, ո՛չ գանակոծել ինձ նախքան իմ մյուս աշխարհ գնալը։
― Խոսք եմ տալիս քեզ, ― ասաց Կայսրը։
― Վեհափառ տեր, ― ասաց Ուլենշպիգելը, ― ես կխնդրեմ, որ ինձ կախելուց առաջ, դուք գաք և համբուրեք այն բերանը, որով ես ֆլամանդերեն չեմ խոսում։
Կայսրը ծիծաղելով, ինչպես և ամբողջ ժողովուրդը, պատասխանեց․
― Ես չեմ կարող կատարել քո խնդրանքը, ուստի դու չես կախվի, Ուլենշպիգե՜լ։
Սակայն նա դատապարտեց բուրգոմիստրներին և ատենակալներին վեց ամիս շարունակ ակնոց կրել գլխի հետևում, որպեսզի, ― ասաց նա, եթե աուդենաարդցիները առջևից չեն տեսնում, գոնե կարողանան տեսնել հետևից։ Ու կայսերական հրովարտակով այդ ակնոցը մինչև այսօր էլ երևում է քաղաքի զինանշանի վրա։
Եվ Ուլենշպիգելը հեզությամբ ճանապարհ ընկավ՝ տանելով մի փոքրիկ քսակ դրամ, որ ընծայել էին նրան կանայք։
XLIII
Լիեժում եղած ժամանակ, ձկնավաճառների շուկայում Ուլենշպիգելը հետևեց մի գիրուկ պատանու, որը թևի տակ ուներ մի ցանցապարկ՝ լի ամեն տեսակ թռչնեղենով, իսկ մի ուրիշը լցնում էր կարմրախայտերով, օձաձկներով և գայլաձկներով։
Ուլենշպիգելը ճանաչեց Լամմե Գուդզակին։
― Ի՞նչ ես անում այստեղ, Լամմե՛, ― ասաց նա։
― Դու գիտես, թե որքան լավ են հյուրընկալվում ֆլանդրիացիք Լիեժի այս բարեհամբյուր երկրում։ Այստեղ ես հետևում եմ իմ սիրածին․ իսկ դո՞ւ։
― Ես փնտրում եմ մի տեր, որի մոտ կարողանամ ծառայել մի փոր հացով, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Դա շատ ցամաք ուտելիք է, ― ասաց Լամմեն, ― ավելի լավ կլիներ, որ դու ափսեից բերանդ անցկացնեիր տապակած դրախտահավերի տեր֊ողորմյա, մոշահավն էլ որպես «հավատամք»։
― Դու հարո՞ւստ ես, ― հարցրեց Ուլենշպիգելը։
Լամմե Գուդզակը պատասխանեց․
― Ես կորցրի հորս, մորս և փոքրիկ քրոջս, որը սաստիկ ծեծում էր ինձ, ժառանգեցի նրանց ունեցվածքը և ապրում եմ միականի մի աղախնի հետ, որը տապակածների մեծ վարպետ էր։
― Ուզո՞ւմ ես կրեմ քո թռչնեղենը և ձկնեղենը, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Այո, ― ասաց Լամմեն։
Ու նրանք սկսեցին թափառել շուկայում։
― Գիտե՞ս, թե ինչու դու խենթ ես։
― Ոչ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Որովհետև ձուկը և թռչունը կրում ես ձեռքում, փոխանակ կրելու ստամոքսում։
― Ճիշտ ես ասում, Լամմե՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― այն օրվանից, երբ ես հացից զրկվեցի, թռչունները երեսները շուռ են տվել ինձնից։
― Կուտես, որքան կամենաս, Ուլենշպիգել, ― ասաց Լամմեն, և կծառայես ինձ, եթե իմ խոհարարուհին հավանի քեզ։
― Քայլելիս Լամմեն ցույց տվեց Ուլենշպիգելին մի սիրուն, գողտրիկ և քնքուշ փոքրիկ աղջիկ, որը մետաքսյա զգեստ հագած՝ աշխուժորեն քայլում էր շուկայում և նայեց Լամմեին իր մեղուշ աչքերով։ Մի ծերունի, իր հայրը, քայլում էր նրա հետևից՝ բեռնավորված երկու ցանցապարկով ― մեկը ձկնեղենով, մյուսը թռչնեղենով լեցուն։
― Տեսնո՞ւմ ես այդ աղջկան, ― ասաց Լամմեն, ― ես նրան կվերցնեմ ինձ կին։
― Այո, ես նրան ճանաչում եմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― դա զոտեհմեցի մի ֆլանդուհի է, նա ապրում է Վինավ դ'Իլ փողոցում, և դրացիներն ասում են, որ նրա մայրը ավլում է փողոցը տան առջևը նրա փոխարեն, իսկ հայրը արդուկում է նրա շապիկները։
Բայց Լամմեն ոչինչ չպատասխանեց և ուրախ֊ուրախ ասաց․
― Նա ինձ նայեց։
Նրանք երկուսով հասան Լամմեի բնակարանը Կամարակապ կամուրջի մոտ և ծեծեցին դուռը։ Միականի աղախինը բացեց դուռը։ Ուլենշպիգելը տեսավ, որ նա պառավ է, երկար, չոր֊չոր և խոժոռ։
― Լա Սանժին, ― ասաց նրան Լամմեն, ― կուզե՞ս որ այս տղան օգնի քեզ տնտեսության մեջ։
― Կվերցնեմ փորձի համար, ― պատասխանեց պառավը։
― Ուրեմն վերցրու և թող տեսնի քո խոհանոցի քաղցրությունները։
Լա Սանժինը սեղանի վրա դրեց երեք սև երշիկ, մի գավ գարեջուր և հացի մի խոշոր բլիթ։
Մինչդեռ Ուլենշպիգելն ուտում էր, Լամմեն նույնպես կրծում էր երշիկը։
― Գիտե՞ս որտեղ է ապրում մեր հոգին, ― հարցրեց նա Ուլենշպիգելին։
― Չգիտեմ, Լամմե՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Մեր ստամոքսի մեջ, ― հարեց Լամմեն, ― նա փորփորում է անդադար և մեր մարմնի մեջ առաջացնում է կենսական ուժը։ Եվ որո՞նք են լավագույն ուղեկիցները ― լավ, ընտիր ուտելիքները՝ հետն էլ Մաասի գինին։
― Այո, ― ասաց Ուլենշպիգելը, ― երշիկները մենավոր հոգու համար հաճելի ընկերակիցներ են։
― Էլի է ուզում, բե՛ր, Լա Սանժին, ― ասաց Լամմեն։
Լա Սանժեն այս անգամ ճերմակ երշիկներ բերեց Ուլենշպիգելին։
Մինչդեռ նա ուտում էր ագահորեն, Լամմեն մտքերի մեջ խորասուզված ասում էր․
― Երբ ես մեռնեմ, փորս էլ կմեռնի ինձ հետ, և այնտեղ՝ քավարանում ինձ կստիպեն ծոմ պահել և շրջել կախ ընկած, դատարկ փորով։
― Սևերն ինձ ավելի համով թվացին, ― ասաց Ուլենշպիգելը։
― Դու արդեն վեցը կերար, ― պատասխանեց Լա Սանժինը, ― է՛լ չեմ տա։
― Գիտես, ― ասաց Լամմեն, ― որ այստեղ քեզ հետ լավ կվարվեն, դու կուտես, ինչպես ես։
― Կհիշեմ այդ խոսքը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Ուլենշպիգելը երջանիկ էր՝ տեսնելով, որ ուտում է նրա չափ։ Կերած երշիկներն այնպիսի մեծ եռանդ ներշնչեցին նրան, որ այդ օրը նա հայելու նման փայլեցրեց բոլոր կաթսաները, տապակոցները և ափսեները։
Իր համար լավ և ազատ ապրելով այդ տանը՝ նա սիրով հաճախում էր խոհանոցը և մառանը, կատուներին թողնելով խորդանոցը։ Մի օր Լա Սանժինը պետք է խորովեր երկու ճուտ և պատվիրեց Ուլենշպիգելին կրակի վրա պտտեցնել շամփուրը, մինչդեռ ինքը պետք է գնար շուկա կանաչեղեն գնելու։
Երբ ճուտերը խորովվեցին, Ուլենշպիգելը կերավ նրանցից մեկը։
Տուն վերադառնալով Լա Սանժինն ասաց․
― Ճտերն երկուսն էին, ո՞ւր է մեկը։
― Բաց արա՛ մյուս աչքդ և կտեսնես երկուսն էլ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ Լա Սանժինը սրդողեց և գնաց գանգատվելու Լամմեին, որը ցած իջավ խոհանոց և ասաց Ուլենշպիգելին։
― Ինչո՞ւ ես ծաղրում իմ սպասուհուն․ ճտերը երկուսն էին։
― Ճիշտ է, Լամմե՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― բայց երբ ես եկա այս տունը, դու ինձ ասացիր, որ ես կուտեմ ու կխմեմ քո չափ։ Երկու ճուտ կար, ես մեկը կերա, դու կուտես մյուսը․ իմ հաճույքն անցավ, քոնը դեռ գալու էմ միթե դու ավելի բախտավոր չես, քան ես։
― Այո՛, ― ասաց Լամմեն ժպտալով, ― սակայն արա՛ այն, ինչ Լա Սանժինը պատվիրում է քեզ, և աշխատանքիդ կեսը կպակասի։
― Կաշխատեմ, Լամմե՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Եվ ամեն անգամ, երբ Լա Սանժինը պատվիրում էր նրան որևէ գործ անել, նա անում էր միայն կեսը, օրինակ, եթե ասեր՝ գնա երկու դույլ ջուր բեր, նա բերում էր միայն մեկը, եթե հրամայեր մի գավ գարեջուր լցնել տակառը, նա ճանապարհին կեսը լցնում էր կոկորդը ու այսպես շարունակ։
Վերջապես Լա Սանժինը ձանձրացած այս խաղերից՝ Լամմեին ասաց, որ եթե այդ ստահակը մնա տանը, ինքը կհեռանա իսկույնևեթ։
Լամմեն իջավ Ուլենշպիգելի մոտ և ասաց նրան․
― Ժամ է մեկնելու, զավա՛կս, թեպետ և դու այս տանը բավական գիրացար։ Լսի՛ր, աքաղաղը կանչում է, ժամը երկուսն է կեսօրից հետո, անձրևի նշան է դա։ Ես չէի ցանկանա քեզ դուրս անել այս վատ եղանակին, բայց մտածիր, որդի՛ս, որ Լա Սանժինն իր տապակածներով իմ կյանքի պահապանն է, որ ես չեմ կարող առանց կյանքս ստույգ վտանգի ենթարկելու բաժանվել նրանից։ Գնա, ուրեմն, տղա՛ս, ի սեր աստծու, և ճանապարհդ ուրախ անցկացնելու համար ա՛ռ այս երեք ֆլորինը և երշիկների այս շարանը։
Եվ Ուլենշպիգելը հեռացավ գլխիկոր՝ ափսոսալով Լամմեին և նրա խոհանոցը։
XLIV
Եկավ նոյեմբերը Դամմեում, ինչպես և ամենուրեք, բայց ձմեռն ուշանում էր։ Ո՛չ ձյուն կար, ո՛չ անձրև, ո՛չ էլ ցուրտ․ արևը պայծառ փայլում էր առավոտից մինչև երեկո․ երեխաները թավալվում էին փողոցների և ճամփաների փոշում․ հանգստի ժամին, ընթրիքից հետո, վաճառականները, խանութպանները, ոսկերիչները, սայլագործները և մշակները նստած դռների շեմին դիտում էին միշտ կապույտ երկինքը, ծառերը, որոնց տերևները չէին թափվում, արագիլներին, որոնք թառել էին կտուրներին, և ծիծեռնակներին, որոնք չէին չվել։ Վարդերը ծաղկեցին երեք անգամ և չորրորդ անգամը փթթեցին, գիշերները գաղջ էին, սոխակները չէին դադարում երգելուց։
Դամմեի բնակիչներն ասացին․
― Ձմեռը մեռած է, եկեք այրենք ձմեռը։
Նրանք շինեցին մի հսկայական խրտվիլակ, որն ուներ արջի դունչ, մի մեծ մորուք՝ տաշեղից, թանձր մազեր՝ վուշից։ Նրանք հագցրին նրան սպիտակ շորեր և այրեցին մեծ հանդիսավորությամբ։
Կլաասը մելամաղձոտ էր․ նա չէր օրհնում ո՛չ պայծառ երկինքը, ո՛չ էլ ծիծեռնակներին, որոնք չէին ուզում չվել։ Դամմեում ոչ ոքի ածուխ պետք չէր, վառում էին միայն խոհանոցում, և ամեն մարդ բավականաչափ ունենալով՝ ածուխ չէր գնում Կլաասից, որը ծախսել էր իր բոլոր խնայողությունները ձմեռվա պաշար պատրաստելու համար։
Այսպես, ուրեմն, երբ ածխավաճառը իր դռան շեմին կանգնած զգում էր փոքր֊ինչ կծող քամու շփումն իր քթի ծայրին, ասում էր ինքն իրեն․
― Ա՜հ, այդ իմ հացն է գալիս։
Բայց ցուրտ քամին դադարում էր, և երկինքը մնում էր կապույտ, տերևները չէին թափվում։ Եվ Կլաասը մերժեց իր ձմեռվա պաշարը կես գնով վաճառել ժլատ Գրեյպստյուվերին՝ ձկնավաճառների ավագին։ Եվ շուտով հացը պակասեց նրա խրճիթում։
XLV
Սակայն Ֆիլիպ արքան քաղցած չէր և կարկանդակներ էր ուտում իր կնոջ կողքին՝ տգեղ Մարիայի, որը Թյուդորների արքայական տոհմից էր։ Թագավորը չէր սիրում նրան, բայց հույս ուներ բեղմնավորելով այդ տխեղծ կնոջը՝ անգլիական ազգին մի սպանացի միապետ պարգևել։
Այդ միությունը նրան երջանկություն չբերեց, որովհետև նման էր սալահատակի և հրավառ խանձողի միավորման։ Այնուհետև նրանք միմյանց հետ բավականաչափ լեզու գտան հարյուրավոր թշվառ ռեֆորմատների ջրախեղդ անելու և խարույկի վրա այրելու համար։
Երբ Ֆիլիպը չէր բացակայում Լոնդոնից կամ ծպտված չէր գնացել որևէ մի անառակատուն, գիշերվա հանգստի ժամը միացնում էր ամուսիններին։
Այն ժամանակ Մարիա թագուհին՝ հագած Թուրնի գեղեցիկ կերպաս, զարդարված իռլանդական ժանյակներով, թիկն էր ընկնում ամուսնական անկողնին, մինչդեռ Ֆիլիպը կանգնում էր նրա առջև փայտե ձողի նման և նայում, թե արդյո՞ք կինը չի կրում իր վրա մայրության որևէ նշան, երբ ոչինչ չէր տեսնում, նեղսրտում էր և անխոս նայում էր իր եղունգներին։
Այդ ժամանակ ամուլ պագշոտը սկսում էր քնքուշ խոսքեր ասել իր աչքերով, որոնք ջանում էր քաղցրացնել, սեր էր աղերսում սառուցյալ Ֆիլիպից։ Արցունքներ, ճիչեր, աղաչանքներ, ոչինչ չէր խնայում թագուհին մի ջերմ փաղաքշանք ստանալու համար այն մարդուց, որ նրան չէր սիրում։
Նա զուր էր թավալվում նրա ոտքերի առաջ, խելագար կնոջ նման, զուր էր լալիս և ծիծաղում միաժամանակ՝ նրա սիրտը շարժելու համար։ Ո՛չ ծիծաղը, ո՛չ արցունքը չէին փափկացնում այդ սպառաժ սիրտը։
Սիրահար օձի նման նա զուր էր գրկում նրան իր վտիտ բազուկներով և սեղմում իր տափակ կրծքին այն նեղ վանդակը, ուր ապրում էր արյունոտ արքայի այլասերված հոգին։ Նա անշարժ էր, ինչպես արձան։
Նա ջանում էր, թշվառ տգեղուհին գրավիչ երևալ, կանչում էր նրան բոլոր փաղաքշական անուններով, որ սիրուց խենթացած կանայք տալիս են իրենց սիրած տղամարդուն․ Ֆիլիպը նայում էր միայն իր եղունգներին։
Երբեմն նա հարցնում էր․
― Երեխաներ կունենա՞ս, թե ոչ։
Այդ խոսքերի վրա Մարիայի գլուխը ընկնում էր կրծքին։
― Մի՞թե իմ հանցանքն է, որ ամուլ եմ, ― պատասխանում էր թագուհին․ ― գթա՛ ինձ, ես ապրում եմ ինչպես այրի կին։
― Ինչո՞ւ երեխաներ չունես, ― ասում էր Ֆիլիպը։
Այն ժամանակ թագուհին ընկնում էր գորգի վրա մեռածի պես։ Նրա աչքերում միայն արցունքներ կային և նա արյուն կուլար, եթե կարողանար, այդ թշվառ պագշոտը։
Ու այսպես աստված վրեժխնդիր էր լինում դահիճներից այն զոհերի համար, որոնց դիակներով նրանք ծածկել էին Անգլիայի հողը։
XLVI
Ժողովրդի մեջ լուր էր պտտվում՝ թե Կառլոս կայսրը մտադիր է զրկել վանականներին իրենց վանքում մահացածների գույքը ժառանգելու իրավունքից․ այդ բանից մեծապես դժգոհ էր պապը։
Ուլենշպիգելը, որ այդ ժամանակ գտնվում էր Մաաս գետի ափերին, մտածեց, թե կայսրը այդպիսով իր օգուտը գտնելու է բոլոր դեպքերում, որովյետև նա էր ժառանգում, երբ ընտանիքը չէր ժառանգում։ Նա նստեց գետափին և նետեց իր կառթը ջրի մեջ։ Հետո կրծելով սև հացի չորացած մի կտոր, նա ափսոսաց, որ չունի ռոմանական գինի իր ցամաք հացը թրջելու համար, սակայն մտածեց, որ մարդ միշտ չի կարող բավարարել իր բոլոր հաճույքները։
Սակայն նա իր հացի փշրանքները գցում էր ջուրը՝ ասելով, թե այն մարդը, որ ուտում է առանց իր ուտելիքը բաժանելու մերձավորի հետ՝ արժանի չէ ուտելու։
Մի ձկնիկ մոտեցավ, հոտոտեց փշրանքներից մեկը, լիզեց այն իր փոքրիկ շրթունքներով և բացեց իր անմեղ բերանը՝ կարծելով, անշուշտ, թե հացն ինքնիրեն կընկնի այնտեղ։ Մինչդեռ նա այսպես նայում էր վերև, հանկարծ նրան կլլեց մի դավաճան գայլաձուկ, որը նետի նման սլացել էր դեպի նա։
Գայլաձուկը նույն ձևով վարվեց մի ծածանի հետ, որը չմտածելով վտանգի մասին՝ մժղուկներ էր բռնում թռչելիս։ Այսպես կշտացած գայլաձուկը մնաց անշարժ ջրի մեջ՝ արհամարհելով մանր ձկներին, որոնք արդեն փախչում էին նրանից ամբողջ ուժով։ Մինչդեռ նա այսպես վայելում էր իր հանգիստը, երևաց մի քաղցած, ագահ գայլաձուկ և երախը բացած հարձակվեց նրա վրա։ Մի կատաղի կռիվ սկսվեց նրանց միջև, փոխադարձ հարվածները տեղում էի սաստկությամբ, ջուրը կարմրեց նրանց արյունով։ Կուշտ գայլաձուկը լավ չէր պաշտպանվում քաղցածից․ վերջինս մի փոքր հեռանալով թափ առավ և գնդակի նման նետվեց իր հակառակորդի վրա, որը նրան սպասում էր բերանը բացած և կլլեց հարձակվողի գլուխը մինչև կեսը, ուզեց նրանից ազատվել, բայց չկարողացավ, որովհետև իր ատամները ծալվել էին։ Եվ երկուսով սկսեցին թպրտալ հուսահատորեն։
Այսպես իրար կառչած՝ նրանք չտեսան, թե ինչպես մի մեծ կարթ, որը կապված էր մետաքսե թելից, բարձրացավ ջրի խորքից և խրվեց կուշտ կերած գայլաձկան լողաթևի տակ, հանեց նրան ջրից իր ախոյանի հետ միասին և առանց այլևայլի եկրուսով նետեց նրանց կանաչ խոտի վրա։
Ուլենշպիգելը, երբ նրանց մորթում էր, ասաց․
― Գայլաձկենր, իմ սիրելիներ, արդյոք դուք պապը և կայսրը չե՞ք, որոնք ուտում են միմյանց, իսկ ես արդյոք ժողովուրդը չե՞մ, որը, երբ աստված կամենա՝ կարթով կբռնի երկուսիդ էլ հենց ձեր կռվի ժամանակ։
XLVII
Կատլինը շարունակում էր ապրել Բորգերհաուտում և թափառելով շրջակայքում՝ ասում էր միշտ․ «Հանսկե, ամուսի՛նս, նրանք կրակ վառեցին գլխիս վրա, ծակի՛ր այն, որպեսզի հոգիս դուրս գա այնտեղից, օ՜հ, նա խփում է շարունակ և ամեն մի հարվածը այրող ցավ է պատճառում ինձ»։
Նելեն խնամում էր խելագար կնոջը ու նրա կողքին նստած՝ տխուր մտածաում էր իր մտերիմ Ուլենշպիգելի մասին։
Իսկ Դամմեում Կլաասը կապում էր ցախի խրձերը, վաճառում էր իր ածուխը և շատ անգամ ընկնելով մելամաղձության մեջ՝ մտածում էր, որ տարագիր Ուլենշպիգելը երկար ժամանակ տուն չի դառնալու։
Սոոտկինը ամբողջ օրը պատուհանի առաջ կանգնած նայում էր, թե արդյոք չի՞ տեսնելու իր որդի Ուլենշպիգելի վերադարձը։
Իսկ նա՝ հասնելով Քյոլնի շրջակայքը, մտածեց, որ այժմ ինքը սիրով կզբաղվի պարտեզների մշակությամբ։ Նա իր ծառայությունն առաջարկեց ոմն Յան դե Ցուուրսմուլի, որը լանդսկնեխտների կապիտան եղած ժամանակ հազիվ էր ազատվել կախաղանից փրկանք վճարելով և սոսկալի ատում էր կանեփը, որն այդ ժամանակ ֆլամանդերեն կոչվում էր kennip։
Մի օր Յան դե Ցուուրսմուլը ասաց Ուլենշպիգելին․
― Ամեն անգամ, երբ կտեսնես այս զզվելի բույսը, ապականի՛ր այն խայտառակորեն, որովհետև նրանից են շինում տանջանիվի և կախաղանի պարանները։
― Կապականեմ, ― ասաց Ուլենշպիգելը։
Մի անգամ, երբ Յան դե Ցուուրսմուլը մի քանի բաժակակից բարեկամների հետ սեղան էր նստած, խոհարարը Ուլենշպիգելին ասաց․
― Գնա՛ մառան և մի քիչ zennip, այսինքն մանանեխ, բե՛ր։
Ուլենշպիգելը չարաճճիորեն zennip֊պի փոխարեն kennip լսելով՝ խայտառակորեն ապականեց zennip֊ի ամանը մառանում և բերեց դրավ սեղանի վրա՝ քթի տակ ծիծաղելով։
― Ինչո՞ւ ես ծիծաղում, ― հարցրեց Յան դե Ցորուսմուլը, ― մի՞թե կարծում ես, թե մեր քթերը պղնձից են շինված։ Կե՛ր այս zennip֊ը, քանի որ դու ինքդ ես պատրաստել այն։
― Ես կգերադասեմ դարչնով խորովածը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Յան դե Ցուուրսմուլը վեր կացավ, որ ծեծի նրան։
― Մանանեխի այս ամանի մեջ ապականություն կա, ― ասաց նա։
― Վարպե՛տ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― հիշո՞ւմ եք, մի օր, երբ միասին գնացինք մեր պարտեզի ծայրը, այնտեղ ինձ ցույց տալով zennip֊ը՝ ասացիք․ «ամեն անգամ, երբ կտեսնես այս բույսը, ապականի՛ր այն խայտառակորեն, որովհետև տանջանիվի և կախաղանի չվանները նրանից են շինում»։ Ես էլ ապականեցի, վարպե՛տ, ապականեցի մեծ անարգանքով․ խնդրեմ, մի՛ ծեծեք ինձ իմ հնազանդության համար։
― Ես ասացի kennip, ― գոչեց Յան դե Ցուուրսմուլը մոլեգնած։
― Վարպե՛տ, դուք ասացիք zennip և ոչ թե kennip, ― հարեց Ուլենշպիգելը։
Այսպես նրանք վիճեցին երկար ժամանակ, Ուլենշպիգելը՝ խոսելով հեզությամբ, իսկ Յան դե Ցուուրսմուլը մռնչալով, ինչպես գազան, և իրար խառնելով zennip, kennip, kemp, zemp, kemp, zemp՝ ինչպես մետաքսի խճճված կաժ։
Իսկ հյուրերը հռհռում էին սատանայի պես, խժռելով դոմինիկյանների կոտլետները և ինկվիզիտորների երիկամունքները։
Սակայն Ուլենշպիգելն ստիպված հեռացավ Յան դե Ցուուրսմուլից։
XVIII
Նելեն տանջվում էր իր տխուր վիճակի և խելագար մոտ պատճառով։
Ուլենշպիգելը վարձվեց մի դերձակի մոտ, որն ասաց նրան․
― Երբ կարում ես, սեղմ կարիր, այնպես, որ ոչինչ չտեսնեմ։
Ուլենշպիգելը նստեց մի տակառի տակ և սկսեց կարել։
― Այդ չեմ ուզում ասել, ― գոչեց դերձակը։
― Ես սեղմվում եմ տակառի մեջ, ինչպե՞ս կարող եմ երևալ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Նստիր սեղանի վրա, ― ասաց դերձակը, ― և կարերը շարիր իրար մոտիկ, խի՛տ֊խի՛տ, ու շորը կարի՛ր այս «գայլի» նման։ «Գայլ կոչվում էր գեղջկական մի զգեստ։
Ուլենշպիգելը վերցրեց զգեստը, քանդեց ու ձևեց և այնպես կարեց, որ նմանվեր գայլի կերպարանքի։
Դերջակը տեսնելով այդ՝ բացականչեց․
― Այդ ի՞նչ ես արել, գրողը տանի՜։
― Գայլ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Անպիտան խեղկատակ, ճիշտ է, ես ասել եմ «գայլ», բայց դու գիտես, որ «գայլ» կոչվածը գյուղացիական զգեստ է։
Մի առ ժամանակ անց դերձակը մի երեկո պատվիրեց Ուլենշպիգելին․
― Տղա, չես քնի, մինչև այս բաճկոնի թևերը տեղը չգցես։ «Տեղ գցել» դերձակների լեզվով նշանակում է կցել, շուլալել։
Ուլենշպիգելը բաճկոնը կախեց մի մեխից և ամբողջ գիշերն անցկացրեց թևերը բաճկնին գցելով։
Դերձակը լսելով աղմուկը՝ եկավ ու ասաց․
― Ստահա՛կ, այդ, ինչ նոր և հիմար խաղ ես խաղում իմ գլխին։
― Մի՞թե սա հիմար խաղ է, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ Տեսնո՞ւմ եք այս թևերը, ամբողջ գիշերը գցում եմ բաճկոնի վրա, բայց դեռ չեն կպչում իրար։
― Հասկանալի է, և հենց այդ պատճառով ես քեզ գցում եմ փողոց․ տեսնեմ դո ո՛նց կկպչես այնտեղ։
XLIX
Երբ մի բարի հարևան հանձն էր առնում պահել Կատլինին, Նելեն դուրս էր գալիս տանից, գնում էր հեռու֊հեռու, մեն մենակ, մինչև Անտվերպեն, Շելդա գետի երկայնքին կամ մի այլ տեղ՝ միշտ որոնելով գետի նավերի և փոշոտ ճամփաների վրա, թե արդյոք չի տեսնելու իր բարեկամ Ուլենշպիգելին։
Մի անգամ Համբուրգում տոնավաճառի օրը Ուլենշպիգելը տեսավ շատ առևտրականների և նրանց մեջ՝ մի քանի ծեր հրեաների, որոնք վաշխառությամբ կամ հին մեխերի առևտրով էին զբաղվում։
Ուլենշպիգելը ինքն էլ ցանկացավ վաճառական դառնալ՝ գետնի վրա թափված ձիու թրիքը հավաքելով տարավ իր կացարանը, որը մի խորշ էր պարսպի տակ։ Այնտեղ նա չորացրեց թրիքը, հետո գնեց կարմիր ու կանաչ մետաքս, քսակներ շինեց նրանցից, մեջը լցրեց ձիու թրիքը և ժապավեններով կապեց, ասես թե մուշկով լիքն էին։
Հետո մի քանի տախտակներից արկղ շինեց, հին պարաններով կախեց վզից և գնաց շուկա՝ քսակներով լի արկղը կրելով իր առջև։ Երեկոները իր ապրանքը լուսավորելու համար մեջտեղում մի փոքրիկ ճրագ էր դնում։
Երբ նրան հարցնում էին, թե ինչ է վաճառում, նա խորհրդավոր կերպով պատասխանում էր․
― Ես ձեզ կասեմ, միայն բարձր չխոսենք։
― Ուրեմն ի՞նչ է, ― հարցնում էին գնորդները։
― Սրանք մարգարեական հատիկներ են, ― պատասխանում էր Ուլենշպիգելը, ― ուղիղ ճանապարհով եկած Արաբիայից և մեծ արվեստով պատրաստված մեծ մարգարեի ցեղին պատկանող Աբդուլ Մեդիլի հմուտ ձեռքով։
Գնորդներից ոմանք ասում էին միմյանց․
― Թուրք է։
Իսկ ուրիշները ասում էին․
― Ֆլանդրիայից եկած թափառական ուխտավոր է, միթե չեք ճանաչում իր խոսելուց։
Ու ցնցոտիապատ, խեղճ ու ցավագար մարդիկ մոտենում էին Ուլենշպիգելին և ասում․
― Տո՛ւր մեզ այդ մարգարեական հատիկներից։
― Երբ ֆլորիններ կունենաք, այն ժամանակ, ― պատասխանում էր Ուլենշպիգելը։
Ու ցնցոտիապատ, խեղճ ու ցավագար մուրացկանները ցրվում էին ձեռնունայն՝ ասելով․
― Այս աշխարհի վրա ուրախությունը միայն հարուստների համար է։
Այդ հատիկների լուրը շուտով տարածվեց շուկայում։ Քաղաքացիներն ասում էին միմյանց․
― Շուկայում մի ֆլամանդացի կա, որ ունի երուսաղեմում՝ տերն մեր Հիսուս Քրիստոսի գերեզմանի վրա, օրհնված հատիկներ, բայց ասում են, թե չի ուզում վաճառել։
Ու բոլոր քաղաքացիները գալիս էին Ուլենշպիգելի մոտ և խնդրում էին այդ հատիկները։
Բայց Ուլենշպիգելը, որն ուզում էր մեծ օգուտ ստնալ, պատասխանում էր, թե հատիկները դեռ լավ հասունացած չեն, և նա աչք ուներ երկու հարուստ հրեաների վրա, որոնք շրջում էին շուկայում։
― Ես կուզեի իմանալ, ― ասում էր քաղաքացիներից մեկը, ― թե ինչ վիճակ է սպասում իմ նավին, որը գտնվում է ծովի վրա։
― Նա կգնա մինչև երկինք, եթե ալիքները բավականաչափ բարձր լինեն, ― պատասխանում էր Ուլենշպիգելը։
Մի ուրիշը ասում էր՝ մատնացույց անելով իր սիրուն աղջկան, որն ամոթխածությունից շիկնում էր։
― Այս աղջկան բախտը կժպտա, այնպե՞ս չէ։
― Ամեն ինչ դառնում է այնպես, ինչպես բնությունը կամենում է, ― պատասխանում էր Ուլենշպիգելը, որ տեսել էր, թե ինչպես մատաղահասակ աղջիկը մի բանալի էր տվել մի երիտասարդի․ վերջինս գոհունակությունից փքված՝ ասաց Ուլենշպիգելին․
― Պարո՛ն վաճառական, տվեք ինձ ձեր մարգարեական քսակներից մեկը, որպեսզի ես իմանամ, թե այս գիշեր մենակ եմ քնելու, թե ոչ։
― Գրված է, որ գայթակղության հաճար ցանողը կոտոշավորության որոմը կհնձի, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Երիտասարդը բարկացավ․
― Ո՞ւմ մասին է խոսքդ, ― ասաց նա։
― Հատիկներս ասում են, ― պատասխանեց Ուլենշպիգելը, որ նրանք ցանկանում են քեզ երջանիկ ամուսնություն և մի կին, որը գլուխդ չծածկի Վուլկանի գլխարկով։ Ծանո՞թ է քեզ այդ գդակը։
Հետո քարոզչական տոնով ավելացրեց․
― Որովհետև այն կինը, որն ամուսնական առևտրի ժամանակ կանխավճար է տալիս, դրանից հետո ամբողջ ապրանքը ձրի թողնում է ուրիշներին։
Մատաղահաս աղջիկը ցանկանալով ցույց տալ, որ հավատում է՝ հարցրեց․
― Այդ բոլորը երևո՞ւմ է քսակների մեջ։
― Այնտեղ երևում է նաև մի բանալի, ― շշնջաց նրա ականջին Ուլենշպիգելը։
Երիտասարդն արդեն հեռացել էր՝ տանելով իր հետ բանալին։
Հանկարծ Ուլենշպիգելը նկատեց, որ մի գող երշիկավաճառի կրպակից մի խոշոր երշիկ թռցնելով պահեց վերարկուի տակ։ Բայց առևտրականն այդ չտեսավ։ Գողն ուրտախ֊ուրախ մոտեցավ Ուլենշպիգելին և հարցրեց․
― Ի՞նչ ես վաճառում, չարագուշակ մարգարե։
― Քսակներ, որոնց մեջ դու կտեսնես, թե ինչպես դու մի օր կախաղան կբարձրանաս երշիկներ չափից ավելի սիրելու համար, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Այդ լսելով՝ գողը փախավ հապճեպորեն, մինչդեռ երշիկավաճառը գոռում էր․
― Բռնե՛ք գողին, բռնե՛ք գողին։
Բայց արդեն ուշ էր։
Երբ Ուլոնշպիգելը խոսում էր, երկու հարուստ հրեաներ, որոնք մեծ ուշադրությամբ լսել էին, մոտեցան նրան և ասացին․
― Ի՞նչ ես ծախում, ֆլամանդացի՛։
― Քսակներ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ի՞նչ կարելի է իմանալ քո մարգարեական հատիկների օգնությամբ, ― հարցրին նրանք։
― Եթե ծծեք, կարող եք գուշակել ապագան, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Երկու հրեաները խորհրդակցեցին և ավելի տարիքավորն ասաց մյուսին։
― Եթե այդ միջոցով իմանայինք, թե երբ կգա մեր մեսիան, դա մեզ համար մեծ մխիթարություն կլիներ։ Գնենք այս քսակներից մեկը։ Ի՞նչ արժեն, ― հարցրին նրանք։
― Հիսուն ֆլորին, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Եթե չեք ուզում վճարել, հավաքեցեք ձեր փասա֊փուսեն։ Նա, ով չի գնում դաշտը, պարտավոր է աղբը թողնել այնտեղ, ուր կա։
Տեսնելով, որ Ուլենշպիգելը այդքան վճռական է, նրանք համրեցին դրամը, վերցրին քսակներից մեկը և գնացին իրենց հավաքատեղին, ուր շուտով խուռներամ վազեցին բոլոր հրեաները՝ լսելով, որ ծերունիներից մեկը գնել է մի գաղտնիք, որի միջոցով կարող է իմանալ և ծանուցել մեսիայի գալուստ։
Ծանոթանալով իրողությանը՝ նրանք ուզեցին անվճար ծծել մարգարեական քսակը, բայց ամենից ծերը, որը գնել էր այն և կոչվում էր Եհու, հայտարարեց, թե մենակ ինքն է անելու այդ։
― Իսրայելի որդինե՛ր, ― ասաց նա՝ ձեռքում բռնած քսակը, ― քրիստոնյաները ծաղրում են մեզ, վռնդում են մեզ մարդկանց միջից և գոռում են մեր հետևից, ինչպես գողերի։ Փղշտացիները կամենում են խոնարհեցնել մեզ ավելի ցած, քան հողը, նրանք թքում են մեր երեսին, որովհետև աստված թուլացրել է մեր աղեղները և նվազեցրել մեր ուժը։ Արդյոք երկա՞ր ժամանակ, տեր իմ, աստված Աբրահամի, Իսահակի և Հակոբի, չարի՞ք է հասնելու մեզ, մինչդեռ մենք բարիք ենք սպասում, պատելո՞ւ է մեզ մութ խավարը, երբ մենք հույս ունենք պայծառության։ Շուտո՞վ կհայտնվես դու աշխարհի վրա, ով աստվածային մեսիա։ Կգա՞ այն օրը, երբ քրիստոնյաները քո ահից կթաքնվեն քարայրներում և ստորերկրյա որջերում՝ սարսափելով քո ահեղ փառքից, երբ դու կբարձրանաս նրանց պատուհասելու համար։
Ու հրեաները բացականչում էին․
― Արի՛, մեսիա՛, ծծի՛ր, Եհու։
Եհուն ծծեց, բայց սիրտը խառնեց և նա ողբալի ձայնով գոչեց․
― Ճշմարիտ եմ ասում ձեզ, սա աղբ է և ուրիշ ոչինչ, ֆլանդրիացի ուխտավորը խաբել է մեզ։
Այն ժամանակ բոլոր հրեաները խուժեցին և բանալով քսակը տեսան նրա պարունակությունը․ մեծապես կատաղած՝ նրանք շտապեցին շուկա՝ այնտեղ գտնելու Ուլենշպիգելին, որը նրանց չէր սպասել։
L
Դամմեի բնակիչներից մեկը չկարողացավ վճարել Կլաասին նրանից գնած ածուխի արժեքը՝ նրան տվեց իր լավագույն գործիքը, որը մի ինքնաձիգ աղեղ էր տասներկու լավ սրած սլաքներով։
Պարապ ժամերին Կլաասը նետաձգությամբ էր զբաղվում, նա սպանեց և խորովեց մեկից ավելի նապաստակ, որի հանցանքն էր չափից ավելի կաղամբ սիրելը։
Կլաասը այդ օրերին կուշտ ուտում էր, իսկ Սոոտկինը նայելով ամայի ճանապարհին ասում էր․
― Թի՛լ, որդյակ իմ, արդյոք չե՞ս զգում սոուսի բուրմունքը։ Նա այժմ քաղցած է, անկասկած։ ― Եվ մտախոհ ուզեց պահել նրա բաժինը՝ խնջույքից մի համեղ պատառ։
― Եթե քաղցած է ինքն է մեղավոր, ― պատասխանում էր Կլաասը, ― թո՛ղ վերադառնա և ուտի մեզ նման։
Կլաասը աղավնիներ ուներ, նա սիրում էր լսել նաև շիկահավերի, սարյակերի, ճնճղուկների և ուրիշ դայլայլող թռչունների երգն ու ծլվլոցն իր շուրջը։ Ուստի հաճույքով նետահարում էր այդ համեստ թռչունների թշնամի հյուրերին ու բազեներին։
Մի անգամ, երբ նա ածուխ էր չափում իրենց բակում, Սոոտիկինը նրան ցույց տվեց մեծ թռչուն, որը սավառնում էր աղավնատան վերև։
― Թո՛ղ սատանան փրկի նորին բազեությանը։
Աղեղը լարելով նա կանգնեց բակում, հետևելով թռչունի շարժումներին, որպեսզի չվրիպի։ Մթնշաղ էր, Կլաասը նշմարում էր միայն մի սև կետ։ Նա արձակեց նետը և տեսավ, որ բակն է ընկնում մի արագիլ։
Կլաասը շատ վշտացավ․ Սոոտկինը ևս ավելի և բացականչեց․
― Չա՝ր մարդ, դու սպանեցիր աստծո թռչունին։
Հետո նա վերցրեց արագիլը և տեսավ, որ միայն վիրավորված է թևից․ նա սպեղանի բերեց և կապելով վերքը ասաց․
― Արագի՛լ, սիրելի՛ս, ախր ինչո՞ւ ես սավառնում օդում բազեի նման․ չէ՞ որ մենք քեզ սիրում ենք, իսկ բազեին՝ ատում։ Այդ է պատճառը, որ ժողովրդի նետերը հաճախ սխալ նպատակի են խփում։ Թևիկդ շա՞տ է ցավում, արագի՛լ, որ այդպես համբերությամբ թողնում ես խնամել՝ իմանալով, որ մեր ձեռքերը բարեկամի ձեռքեր են։
Երբ արագիլն առողջացավ, նրան կերակրեցին առատորեն, բայց նա ամենից ավելի սիրում էր ուտել ձուկը, որ Կլաասը որսում էր նրա համար ջրանցքում։ Ու ամեն անգամ, երբ աստծո թռչունը տեսնում էր նրան, բաց էր անում իր երկար կտուցը։
Նա վազում էր Կլաասի հետևից փոքրիկ շան նման, բայց ավելի հոժարությամբ մնում էր խոհանոցում՝ կրակի մոտ տաքացնելով իր մարմինը և կտուցը խփելով ճաշ պատրաստող Սոոտկինի փորին, կարծես ասելով․ «ինձ համար էլ բաժին կա՞»։
Ու զվարճալի էր տեսնել, թե ինչպես իր երկար տոտիկներով շրջում է հյուղակում՝ երջանկության այդ հանրաբարո ավետաբերը։
LI
Սակայն նեղ օրերը կրկին եկան․ Կլաասը տխուր և մենակ աշխատում էր դաշտում, որովհետև երկուսի համար գործ չկար։ Սոոտկինը մենակ մնում էր խրճիթում՝ զանազան ձևերով պատրաստելով միշտ նույն բակլան, որ նրանց ամենօրյա կերակուրն էր, որպեսզի քաղցրացնի իր մարդու ախորժակը։ Ու նա երգում ու ծիծաղում էր, որպեսզի Կլաասը չտանջվի իրեն տխուր տեսնելով։ Արագիլը կանգնում էր նրա կողքին մի ոտի վրա, կտուցը պահած թևերի տակ։
Մի ձիավոր կանգնեց խրճիթի առջև․ նա բոլորովին սև էր հագած, շատ նիհար և խիստ տխուր դեմքով։
― Որևե մեկը կա՞ այստեղ, ― հարցրեց նա։
― Աստված օրհնի ձերդ մելամաղձությանը, ― պատասխանեց Սոոտիկինը, ― մի՞թե ես ուրվական եմ, որ ինձ տեսնելով ձեր առաջ՝ հարցնում եք, թե որևէ մեկը կա՞ այստեղ։
― Ո՞ւր է քո հայրը, ― հարցրեց ձիավորը։
― Եթե իմ հայրը կոչվում է Կլաաս, նա այնտեղ է, ցորեն է ցանում, ― պատասխանեց Սոոտկինը։
Ձիավորը հեռացավ, և Սոոտկինը նույնպես դուրս եկավ տնից ընկճված, որովհետև պետք է գնար հացագործի մոտ՝ վեցերորդ անգամ ապառիկ հաց գնելու համար։ Երբ նա ձեռնունայն վերադարձավ, ապշեց տեսնելով, որ Կլաասը տուն է գալիս հաղթական և փառավոր, հեծած սևազգեստ մարդու ձին, որի տերը քայլում էր նրա կողքին՝ սանձը բռնած։ Կլաասը հպարտորեն մի ձեռքով ազդրին էր սեղմում կաշվե մի քսակ, որը լեփ֊լեցուն էր երևում։
Ձիուց իջնելով նա գրկեց և համբուրեց մարդուն, ուրախ֊ուրախ թփթփացրեց նրա ուսը, հետո ցնցելով քսակը բացականչեց․
― Կեցցե իմ եղբայր Յոսեն, բարի մենակյացը, աստված պահի նրան ուրախության, վայելքի, առողջության և կերուխումի մեջ։ Սա օրհնության Յոսեն է, առատության Յոսեն, յուղալի ապուրների Յոսեն։ Արագիլը չէր ստում։
Ու նա քսակը դրեց սեղանին։
Այս խոսքերի վրա Սոոտկինն ասաց ողբաձայն․
― Մա՛րդ, այսօր ուտելու ոչինչ չունենք, հացագործը մերժեց հաց տալ։
― Հա՞ց, ― պատասխանեց Կլաասը՝ բանալով քսակը և սեղանի վրա հոսեցնելով ոսկու մի առվակ, ― հա՞ց, ասում ես։ Ահավասիկ քեզ հաց, կարագ, միս, գինի, գարեջուր, ահավասիկ ապխտաց խոզենի, տապակած ճուտ, դրախտահավ, կարասներով գինի։ Հիմար կլինի այդ հացագործը, եթե մերժի մեզ հաց տալ, մենք այլևս նրանից ոչինչ չենք գնի։
― Բայց, սիրելիս, ― ասաց Սոոտիկինն ապշած։
― Ուրեմն լսիր և ուրախացիր։ Կատլինը, փոխանակ մնալու Անտվերպենի մարքիզության մեջ և այնտեղ լրացնելու իր աքսորանքի ժամկետը, Նելեի առաջնորդությամբ ոտքով գնացել է մինչև Մեյբորգ։ Այնտեղ Նելեն պատմել է իմ եղբայր Յոսեին, թե մենք հաճախ ապրում ենք թշվառության մեջ՝ հակառակ մեր չարքաշ աշխատանքին։ Ինչպես ասաց ինձ քիչ առաջ այս բարի լրաբերը, ― և Կաասը ցույց տվեց սևազգեստ ձիավորին, ― Յոսեն թողել է հռոմեկան սուրբ հավատը և նվիրվել է Լյութերի հերետիկոսության։
Սևազգեստ մարդը պատասխանեց․
― Նրանք են հերետիկոսները, ովքեր հետևում են մեծ պառնիկի պաշտամունքին, որովհետև Հռոմի պապը օրինազանց է և սրբություններ վաճառող։
― Ա՜հ, ― գոչեց Սոոտկինը, ― այդքան բարձր մի խոսեք, պարո՛ն, ձեր պատճառով մեզ ողջ֊ողջ կայրեն։
― Ուրեմն, ― շարունակեց Կլաասը, ― Յոսեն ասել է այս լրաբեր բարի մարդուն, քանի որ ինքը օգնում է կռվելու Սաքսոնացի Ֆրեդերիկի զորքի շարքերում՝ իր հետ տանելով լավ սպառազինված հիսուն ռազմիկ, կարիք չունի իր մոտ պահելու այդքան դրամ, որը դժբախտության ժամին կարող է բաժին ընկնել որևե մի սրիկա լանդսկնեխտի։ Ուրեմն, ասել է նա, տա՛ր իմ եղբայր Կլաասին, իմ օրհնության հետ միասին, այս յոթ հարյուր ոսկին, ասա՛ նրան, թող ապրի բարօրության մեջ և խորհի իր հոգու փրկության մասին։
― Այո, ― ասաց ձիավորը, ― ժամանակ է արդեն, որովհետև աստված հատուցելու է մարդուն ըստ նրա գործերի և դատելու է յուրաքանչյուրին ըստ արժանվույն։
― Պարո՛ն, ― ասաց Կլաասը, ― մինչ այդ կարծեմ արգելված չէ ինձ ուրախանալ այս բարի լուրի առթիվ, հաճեցեք մնալ այստեղ․ մենք կտոնենք այդ՝ միասին ուտելով համեղ աղիքներ, առատ խորոված, մի խոշոր ապուխտ, որ քիչ առաջ տեսա երշիկավաճառի մոտ այնքան յուղալի և գրավիչ, որ բերանիս ջուրը վազեց։
― Օ՜, ― ասաց մարդը, անմիտներն են ուրախանում, երբ աստուծո աչքերը ուղղված են նրանց ճանապարհների վրա։
― Ինձ լսի՛ր, լրաբեր, ոզո՞ւմ ես մեզ հետ ուտել և խմել, թե ոչ։
Մարդը պատասխանեց․
― Երբ կկործանվի մեծ Բաբելոնը, միայն այն ժամանակ հավատացյալները անձնատուր կլինեն երկրային ուրախություններին։
Սոոտկինը և Կլաասը խաչակնքեցին․ լրաբերը պատրաստվեց մեկնելու։
Կլաասն ասաց նրան․
― Քանի որ քեզ հաճո է մեկնել այդպես՝ առանց մեր հյուրասիրությունը վայելելու, ուրեմն իմ կողմից տո՛ւր եղբայր Յոսեին խաղաղության համբույր և հսկիր նրան ճակատամարտում։
― Կկատարեմ ձեր խնդրանքը, ― ասաց մարդը։
Ու նա մեկնեց, մինչդեռ Սոոտկինը պատրաստություն էր տեսնում պատեհ երջանկությունը տոնելու համար։ Այդ օրը ընթրիքին արագիլը վայելեց երկու խարակաձուկ և մի ձողաձկան գլուխ։
Շուտով Դամմեում լուր տարածվեց, թե աղքատ Կլաասը իր եղբայր Յոսեի շնորհիվ դարձել է հարուստ Կլաաս, իսկ ավագերեցն ասում էր, թե Կատլինն անկասկած հմայք է գցել Յոսեի վրա, քանի որ Կլաասը նրանից ստացել է անկասկած մի շատ խոշոր գումար և ոչինչ չի ընծայել մայր աստվածածնի շրջազգեստի համար։
Կլաասը և Սոոտկինն ապրեցին երջանիկ․ Կլաասն աշխատում էր դաշտում կամ ածուխ վաճառում, իսկ Սոոտկինը ցույց էր տալիս իրեն որպես ժրաջան տանտիկին։
Բայց Սոոտկինը սրտի խորքում տխուր էր և շարունակ նայում էր ճանապարհին՝ աչքերով որոնելով իր որդի Ուլենշպիգելին։
Ու երեքն էլ ճաշակում էին երջանկությունը՝ որ գալիս էր աստծուց, սպասելով թե ի՞նչ է գալու մարդկանցից։
LII
Կառլոս կայսրը այդ օրը Անգլիայից մի նամակ ստացավ, որի մեջ նրա որդին գրում էր․
- «Տե՛ր իմ և հա՛յր իմ,
Ինձ անհաճո է ապրել այս երկրում, ուր վխտում են անիծյալ հերետիկոսները լվերի, թրթուրի և մորեխի նման։ Հուրը և սուրը միայն կարող են մաքրել նրանցից այն կենարար ծառի բունը, որ է մեր սուրբ մայր եկեղեցին։ Կարծես ինձ համար բավական չէ այս վիշտը, այստեղ ինձ թագավոր չեն համարում, այլ իրենց թագուհու ամուսինը, որ չունի ոչ մի իշխանություն առանց նրան։ Նրանք ծաղրում են ինձ՝ ասելով չարամիտ պարսավագրերում, որոնց հեղինակներին և տպագրիչներին ոչ մի կերպ հնարավոր չի լիոնում գտնել, թե պապը վճարում է ինձ, որպեսզի ես անբարիշտ կախաղաններով ու խարույկներով խառնակություն և ավեր մտցնեմ պետության մեջ, և երբ ես ուզում եմ նրանցից որևէ անհրաժեշտ մի տուրք հավաքել (որովհետև նրանք հաճախ ինձ առանց դրամի են թողնում), նրանք չարամիտ երգիծանքով ինձ պատասխանում են, թե կարող եմ դիմել սատանային, որին ես ծառայում եմ։ Պառլամենտի մարդիկ ներողություն են խնդրում և քծնում են՝ վախենալով, որ կծեմ, բայց ոչինչ չեն տալիս։
Բայց և այնպես Լոնդոնի պատերը ծածկված են պարսավագրերով, որոնք ինձ ներկայացնում են որպես մի հայրասպան, որ պատրաստ է հարվածել Ձերդ Մեծությանը նրա գահը ժառանգելու համար։
Սակայն դուք գիտեք, տե՛ր իմ, և հա՛յր իմ, որ չնայած ամբողջ իմ օրինական հպարտության և փառասիրության, ես մաղթում եմ Ձերդ Մեծությանը երկարատև և փառավոր իշխանություն։
Նմանապես նրանք քաղաքում տարածում են պղնձի վրա խիստ վարպետորեն փորագրված մի նկար, ուր ես երևում եմ կատուների թաթերով կլավեսին նվագելիս։ Այդ կատուները փակված են մի արկղի մեջ, նրանց պոչերը դուրս են գալիս կլոր ծակերից, ուր նրանք ամրացված են մետաղե լարերով։ Մի մարդ (որ ես եմ) շիկացած երկաթով այրում է այդ պոչերը և, այդպիսով, կատուներն իրենց թաթերը խփում են ստեղներին և կատաղորեն մլավում։ Ինձ այնքան տգեղ են նկարել, որ ուղղակի չեմ ուզում նայել։ Ու ինձ ներկայացրել են ծիծաղելիս։ Արդ, դուք գիտեք, տե՛ր իմ և հա՛յր իմ, թե որքան խորշում եմ ես այդ ստոր հաճույքից։ Ճշմարիտ է, ես փորձել եմ փոքր ինչ զվարճանալ կատուներին մլավել տալով, բայց երբեք չեմ ծիծաղում։ Իրենց խռովարարական լեզվով նրանք ոճրագործություն են անվանում այդ նոր և դաժան կլավեսինը, բայց չէ որ անասունները հոգի չունեն, և ամեն մարդ, մանավանդ արքայական տոհմին պատկանող, կարող է օգտագործել նրանց իր զվարճության համար, եթե նույնիսկ նրանք սատկեն։ Բայց ասյտեղ, Անգլիայում, մարդիկ այնքան են տարված անասուններով, որ նրանց հետ ավելի լավ են վարվում, քան իրենց ծառաների հետ։ Գոմերն ու շնաբներն այստեղ պալատների նման են, և կան ազնվականներ, որոնք իրենց ձիու հետ միասին քնում են նույն խշտյակի վրա։
Նմանապես, իմ ազնվազարմ տիկինը և թագուհին ամուլ է, անպատկառ, հանդգնությամբ նրանք ասում են, որ դրա պատճառը ես եմ և ոչ թե նա, որը, բացի այդ, խանդոտ է, կռվարար և վավաշոտ ծայր աստիճան։ Տե՛ր իմ և հա՛յր իմ, ես ամեն օր աղոթում եմ աստծուն, որ գթա ինձ՝ հույս ունենալով մի ուրիշ գահի, թեկուզ Թուրքիայում, սպասելով այն թագին, որին կանչում է ինձ Ձեր փառավոր և հույժ հաղթական մեծության որդին լինելու պատիվը»։
Ստորագրված՝ Ֆիլ․ ։
Կայսրն այդ նամակին պատասխանեց․
- «Տյա՛ր և որդի,
Ձեր նեղությունները մեծ են, չեմ առարկում, սակայն ջանացեք տոկալ առանց սրտնեղության՝ սպասելով ավելի շողշողուն մի թագի։ Ես արդեն ծանուցել եմ շատերին իմ դիտավորությունը՝ հրաժարվելու Նիդեռլանդիայից և իմ այլ տիրապետություններից, որովհետև ծերացած եմ և հոդացավոտ լինելով՝ անկարող պիտի լինեմ դիմադրելու Ֆրանսիայի Հենրի II թագավորին, քանզի բախտը սիրում է երիտասարդներին։ Խորհեցեք նույնպես, որ լինելով Անգլիայի տեր՝ դուք ձեր զորությամբ վիրավորում եք մեզ թշնամի Ֆրանսիային։
Ես չարաչար պարտվեցի Մեքի մոտ և այնտեղ կորցրի քառասուն հազար մարդ։ Ես հարկադրվեցի փախուստ տալ սաքսոնացիներից։ Եթե աստված իր բարի և աստվածային կամքով մեկեն չվերադարձնի իմ առաջվա ուժն ու կարողությունը, ապա ես մտադիր եմ, տյա՛ր և որդի, թողնել իմ թագավորությունները և Ձեզ հանձնել իշխանությունը։
Ուրեմն ուցեցեք համբերություն և մինչ այդ կատարեցեք Ձեր պարտքն ընդդեմ հերետիկոսների՝ չխնայելով ոչ ոքի, ո՛չ տղամարդկանց, ո՛չ կանանց, ո՛չ աղջիկների, ո՛չ տղաների, որովհետև լուր է հասել ականջիս, որ առանց մեծ վիշտ պատճառելու ինձ, թե տիկին թագուհին հաճախ կարեկից է եղել նրանց հանդեպ։
- Ձեզ սիրող հայր»։
- Ստորագրված՝ Կառլոս։
LIII
Երկար քայլելուց Ուլենշպիգելի ոտքերը արյունոտվել էին։ Մի օր Մայնցի եպիսկոպոսության մեջ նա հանդիպից ուխտավորների մի սայլակի, որ նրան տարավ մինչև Հռոմ։
Երբ նա քաղաք մտավ և իջավ սայլակից, մի պանդոկի դռան շեմքին նկատեց մի սիրուն կնոջ, որ ժպտաց՝ տեսնելով, որ տղան իրեն է նայում։
Լավ բան գուշակելով այդ սիրալիր հայացքից՝ նա ասաց կնոջը․
― Տիկին, չե՞ս հյուրընկալի արդյոք թափառական ուխտավորիս, որովհետև լրացել է արդեն մեղքերիցս ազատվելու ժամկետը։
― Մենք հյուրընկալում ենք բոլոր նրանց, ովքեր կվճարեն։
― Հարյուր դուկատ ունեմ քսակումս, ― պատասխանեց Ուլենշպիգելը, որ հազիվ միայն մեկը ուներ, ― և ես ուզում եմ քեզ հետ միասին ծախսել առաջինը՝ խմելով մի շիշ հռոմեական հին գինի։
― Գինին թանկ չէ այս սուրբ վայրերում, ― պատասխանեց կինը, ― ներս մտիր և խմիր մեկ սոլդոյի։
Նրանք միասին խմեցին այնքան երկար ժամանակ և պարպեցին այնքան շիշ գինի, որ տանտիկինն ստիպված եղավ պատվիրել աղախնին, որ նա իր փոխարեն մատուցի հաճախորդներին, մինչդեռ ինքը և Ուլենշպիգելը առանձնացան հետևի սրահում՝ մարմարապատ և ցուրտ ինչպես սառնամանիք։
Գլուխը հակելով տղայի ուսին՝ նա հարցրեց, թե ով է նա։ Ուլենշպիգելը պատասխանեց․
― Ես աղքատության երկրի իշխանն եմ, սովածների կոմսը, քրջոտների բարոնը, և Դամմե քաղաքում, որ իմ ծննդավայրն է, ունեմ քսանհինգ կալված լուսնի շողեր։
― Ի՞նչ երկիր է դա, ― հարցրեց տանտիրուհին՝ խմելով Ուլենշպիգելի գավաթից։
― Դա մի երկիր է, ― ասաց նա, ― ուր ցանում են օդում պատրանքների, խենթ հույսերի և խոստոումների հատիկը։ Բայց դու ծնված չես լուսնկային, ո՜վ չքնաղ տանտիրուհի՝ անուշաբույր մորթով, մարգարտանման փայլուն աչքերով։ Արևի գույնն է նստել քո այդ ոսկի մազերին, գեղեցկության աստվածուհին է, որ առանց խանդելու ստեղծել է քո այդ գիրուկ ուսերը, քո փարթամ կուրծքը, քո կլոր բազուկները, քո փափլիկ ձեռքերը։ Ընթրելո՞ւ ենք միասին այս երեկո։
― Ֆլանդրիացի սիրուն ուխտավոր, ― ասաց կինը, ― ինչո՞ւ ես եկել Հռոմ։
― Խոսելու պապի հետ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ա՜յ թե ինչ, ― ասաց կինը ձեռքերն իրար զարկելով, ― խոսել պապի հե՜տ, ե՛ս, որ այստեղացի եմ, երբեք չեմ կարողացել անել այդ։
― Իսկ ես կանեմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Բայց դու գիտե՞ս, ուր է գնում նա, ինչպես է, ի՞նչ սովորություններ և ապրելակերպ ունի, ― ասաց կինը։
― Ճանապարհին ինձ ասացին, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― որ նրա անունն է Հուլիոս Երրորդ, սիրում է կերուխումն ու զվարճությունը, զրուցասեր է և սրամիտ՝ պատասխանի մեջ։ Ինձ ասացին նաև, որ նա չափազանց մտերիմ է եղել ինչ֊որ մուրացկանի հետ՝ սև, կեղտոտ, անճոռնի, որը ողորմություն էր խնդրում իր կապկի հետ միասին, և քահանապետական գահ բարձրանալիս պապը նրան դարձրել է Մոնտի կարդինալ, և կհիվանդա, եթե ամեն օր նրան չտեսնի։
― Խմի՛ր և մի՛ խոսիր այդքան բարձր։
― Ասում են նույնպես, թե նա մի օր հայհոյեց ինչպես վարձկան զինվեր․ Al dispetto di Dio, երբ ընթրիքին չգտավ այն պաղ սիրամարգը, որ նա հրամայել էր պահել իր համար, ասելով՝ «Ես՝ աստուծո փոխանորդը, իրավունք ունեմ հայհոյելու մի սիրամարգի համար, քանի որ իմ տերը բարկացավ մի խնձորի պատճառով»։ Տեսնում ես սիրունի՛կս, որ ես ճանաչում եմ պապին և գիտեմ ո՛վ է նա։
― Լավ, բայց ուրիշների մոտ մի՛ խոսիր դրա մասին, ― ասաց կինը։ ― Այնուամենաայնիվ դու նրան չես տեսնի։
― Ես պիտի խոսեմ նրա հետ, ― ասաց Ուլենշպիգելը։
Հաջորդ օրը, թեև ոտքերը սաստիկ ցավում էին, նա շրջեց ամբողջ քաղաքը և իմացավ, որ այդ օրը պապը պատարագ է մատուցելու Լատրանի սուրբ Հովհաննես եկեղեցում։ Ուլենշպիգելը գնաց այնտեղ և կանգնեց որքան կարելի է պապին մոտիկ՝ նրա աչքի առաջ, ու ամեն անգամ, երբ պապը բարձրացնում էր սկիհը (հաղորդության բաժակը) և պատարագի նշխարհը, Ուլենշպիգելը մեջքը դարձնում էր խորանին։
Պապի կողքին կանգնած էր սպասարկող կարդինալը՝ թուխ դեմքով, չար և հաստլիկ, որ կրում էր ուսին մի կապիկ․ նա հաղորդություն էր տալիս ժողովրդին անպատկառ շարժումներով։ Նա Ուլենշպիգելի վարմունքը հայտնեց պապին, և երբ պատարագը վերջացավ, պապը կանչեց չորս խիզախ զինվորների, որոնցով հռչակված է այդ ռազմսեր երկիրը, և հրամայեց ձերբակալել ուխտավորին։
― Ի՞նչ հավատի ես, ― հարցրեց նրան պապը։
― Ամենասուրբ հա՛յր, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― նույն հավատի, ինչ որ իմ տանտիրուհին։
Պապը հրամայեց կանչել այդ կնոջը։
― Ի՞նչ հավատի ես, ― հարցրեց նրան։
― Նույն հավատի, ինչ ձերդ սրբազանությունը, ― պատասխանեց կինը։
― Եվ ես նմանապես, ― ասաց Ուլենշպիգելը։
Պապը հարցրեց, թե ինչու նա մեջքը շուռ էր տվել դեպի սուրբ հաղորդությունը։
― Ես ինձ անարժան էի զգում նայելու նրան դեմ֊հանդիման, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Դու ուխտավո՞ր ես, ― հարցրեց նրան պապը։
― Այո, ― պատասխանեց նա, ― և գալիս եմ Ֆլանդրիայից իմ մեղքերին թողություն հայցելու համար։
Պապան օրհնեց նրան, և Ուլենշպիգելը հեռացավ տանտիրուհու հետ միասին, որ նրան վճարեց հարյուր ֆլորին։ Այսպես կազդուրված՝ նա թողեց Հռոմը Ֆլանդրիայի երկիրը վերադառնալու համար։
Բայց հարկ եղավ վճարել յոթ դուկատ, մագաղաթի վրա գրված իր մեղքերի թողության համար։
LIV
Այդ օրերին պրեմոնտրյան երկու միաբան եկան Դամմե՝ ինդուլգենցիա ծախելու։ Իրենց վանական տարօրինակ զգեստի վրայից նրանք հագել էին ժանեկազարդ գեղեցիկ շապիկ։
Կանգնելով եկեղեցու դռան մոտ՝ երբ եղանակը լավ էր, և գավթում՝ երբ անձրև էր գալիս, նրանք հայտարաում էին իրենց սակագինը։ Ըստ այդ սակագնի վեց լիարով, մի պատարով, փարիզյան կես լիվրով, յոթ, տասներկու ֆլորինով նրանք տալիս էին հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր, չորս հարյուր տարվա մեղաց թողություն, և, նայած գնին՝ կիսակատարյալ կամ կատարյալ թողություն ամենամեծ ոճրագործությունների համար, նույնիսկ սուրբ Կույսին բռնաբարելու ցանկություն ունենալու մեղքի համար։ Բայց սա տասնյոթ ֆլորին արժեր։
Վճարած հաճախորդներին նրանք տալիս էին մագաղաթի փոքրիկ կտորներ, որոնց վրա գրված էր թողության տարիների թիվը։ Ներքևում կարդացվում էր հետևյալ ոտանավորը․
Ով որ չի ուզում խաշվել,
Խորովվել կամ տապակվել
Հազար տարի քավարանում,
Կամ թե վառվել միշտ դժոխքում՝
Թո՛ղ գնի թուղթն այս ներման,
Շընորհքի ու ողորմության։
Մի քիչ թեև փող կտաս՝
Բայց աստծուց հետո կստանաս։
Նրանց մոտ գնորդներ էին գալիս տասը մղոն հեռավորության վրա գտնվող վայրերից անգամ։
Վանականներից մեկը հաճախ քարոզ էր կարդում ժողովրդին։ Նա փարթամ մռութ ուներ և առանց դժվարության կրում էր իր եռածալ կզակն ու տռզած փորը։
― Դժբա՛խտ, ― ասում էր նա՝ հայացքը սևեռելով այս կամ այն ունկնդրի վրա, ― դժբա՛խտ, ահավասիկ դու դժոխքում ես։ Կրակը քեզ սաստիկ այրում է, քեզ եռացնում են յուղով լեցուն այն կաթսայում, որի մեջ Աստարտեի oliekoek֊ներ են տապակում․ դու երշիկ ես Բեհեղզեբուղի օջախի վրա, քուֆթա՝ Գիլգիրոթի՝ մեծ սատանայի կաթսայում, որովհետև քեզ առաջուց կտոր֊կտոր են անում։ Նայի՛ր այս մեծ մեղավորին, որ արհամարհեց մեղաց թողության թուղթը․ նայի՛ր բրդած մսով լեցուն այս ափսեին․ այդ նա՜ է, նա՛ է, նրա պիղծ դժոխապարտ մարմինն է այդպես բրդված։ Եվ ինչպիսի՜ շուրվայով է ծածկված՝ ծծումբի, ձյութի ու կուպրի։ Եվ այս բոլոր տարաբախտ մեղավորներն այսպես ուտվում են, որպեսզի նորից ծնվեն մշտնջենական ցավեր կրելու համար։ Եվ այդտեղ է, որ իսկապես տեսնում ես արցունքն ու ատամանց կրճտումը։ Գթա՜, ով ողորմած աստված։ Այո, ես քեզ տեսնում եմ արդեն դժոխքում, ով թշվառ մեղապարտ, այս բոլոր ցավերն ու չարչարանքերը քաշելիս։ Իսկ եթե քեզ համար մեկ դընիե տան՝ անմիջապես աջ ձեռքդ թեթևացած կզգաս․ եթե մեկ դընիե ևս տան՝ երկու ձեռքդ էլ կրակից դուրս կգան։ Հապա մարմնիդ մացած մա՜սը։ Միայն մեկ ֆլորին, և ահա մեղաց թողության վարդացողը կիջնի վրադ։ Ինչպիսի՜ երանավետ զովություն։ Եվ դրանից հետո տասն օր, հարյուր օր, հազար տարի՝ նայած թե ինչքան ես վճարում՝ այլևս ո՛չ oliekoek֊ներ, ո՛չ քյուֆթա, ո՛չ խորոված։ Իսկ եթե քեզ համար չէ այդ, ո՜վ մեղավոր, հուր հավիտենից անզննելի խորխորատներում չկա՞ն միթե խեղճ հոգիներ՝ ծնողներդ, սիրեցյալ կինդ, կամ մի գողտրիկ աղջիկ, որի հետ հաճությամբ մեղք ես գործել։
Այդ խոսքի վրա վանականը արմունկով խփում էր ընկերոջը, որ թասը ձեռքին կանգնած էր նրա կողքին։ Ընկերը այդ նշանի վրա խոնարհելով իր հայացքը՝ հոգնեհույզ կերպով ցնցում էր թասը՝ փող տալու կոչ անելով։
― Եվ մի՞թե, ― շարունակում էր վանականը, ― մի՞թե այդ զարհուրելի կրակի մեջ չունիս որդի, աղջիկ կամ սիրասուն մանկիկ։ Նրանք աղաղակում են, լաց լինում, քեզ են կանչում։ Կկարողանա՞ս արդյոք խուլ մնալ այդ սրտակեղեք ձայներին։ Հազիվ թե․ քո սառցե սիրտը կհալչի, բայց մի կառոլուս կնստի դա քեզ։ Եվ տե՛ս, բավական է, որ այդ կառոլուսը զրնգա այս անարգ մետաղի վրա (ընկերը նորից թափահարեց իր թասը), մի դատարկ տարածություն է բացվում կրակի մեջ, և թշվառ հոգին բարձրանում է մինչև որևէ հրաբխի խառնարանը։ Եվ ահա նա թարմ օդի մեջ է, ազա՜տ օդում։ Հապա ո՞ւր են կրակի ցավերը։ Ծովը մոտ է, հոգին սուզվում է այդտեղ, լող է տալիս մեջքի վրա, փորի վրա, ալիքների վրա և ալիքների տակ։ Լսո՞ւմ ես ինչպես է հրճվանքից ճչում, տեսնո՞ւմ ես ինչպես է թավալվում ջրում։ Հրեշտակները նայում են նրան և ցնծում, սպասում են նրան, բայց նա դեռ գոհացած չէ։ Նա կուզենար ձուկ դառնալ։ Նա չգիտե, որ այնտեղ՝ վերևում, կան անուշահամ բուրումնավետ լոգարաններ, ուր պտույտ են գալիս սպիտակ բյուրեղաշաքարի հսկայական կտորներ՝ սառույցի պես զովարար։ Երևում է մի շնաձուկ․ հոգին չի վախենում սրանից, նստում է նրա մեջքին, բայց ձուկն այդ չի զգում, ուզում է սուզվել ծովի խորքերը։ Հոգին գնում է այդտեղ ողջունելու ջրերի հրեշտակներին, որոնք տապակած ձուկ (waterzoey) են ուտում մարջանե ամաններում և թարմ ոստրեներ՝ սադափե սկուտեղների վրա։ Եվ ինչպե՜ս է նա ընդունվում այդտեղ, ցնծության ու գուրգուրանքի առարկա դառնում, իսկ վերևի հրեշտակները շարունակ իրենց մոտ են կանչում նրան։ Վերջապես նա զովացած է, թարմացած ու երջանիկ․ տեսնում ես այժմ, թե ինչպես է բարձրանում և արտույտի պես երգելով հասնում երկքնի ամենաբարձր կետին, որ գահակալում է աստված իր ամբողջ փառքով։ Այդտեղ նա գտնում է իր բոլոր երկրային ազգականներին ու բարեկամներին, բացի նրանցից, որոնք չարախոսած լինելով թողության թղթերը և մեր ծնող սուրբ եկեղեցին, այրվում են դժոխքի վիհերում։ Եվ այդպես է մշտնջենապես, հավերժորեն, հավիտյանս հավիտենից, դարեդար, առհավետ։ Բայց մյուս հոգին աստծու մոտ է․ նա զովանում է անուշահամ լոգարաններում լողանալով և բյուրեղաշաքար ուտելով։ Ինդուլգենցիանիեր գնեցե՛ք, ո՜վ եղբայրներ․ կան կրուզատանոցներ, ոսկի ֆլորինանոցներ, անգլիական սովերենանոցներ։ Պղնձադրամն էլ չի մերժվում։ Գնեցե՛ք․ գնեցեք, սրբազան կրպակ է սա՝ աղքատի համար էլ կա, հարուստի համար էլ։ Բայց, դժբախտաբար, ապառիկ տալ չենք կարող, եղբայրնե՛ր, որովհետև գնել ու կանխիկ չվճարելը հանցագործություն է աստծու աչքում։
Մյուս վանականը, որ քարոզ չէր կարդում, թափահարում էր իր թասը։ Ֆլորինները, կրուզատները, դուկատները, սոլն ու դընիեն կարկուտի պես թափվում էին այդտեղ։
Կլաասը, որ վստահ էր, թե հարուստ է, մեկ ֆլորին տվեց և տասը հազար տարով մեղաց թողություն ստացավ։ Վանականները դրա փոխարեն մի կտոր մագաղաթ տվին նրան։
Շատ չանցած՝ տեսնելով, որ առանց ինդուլգենցիայի միայն մի քանի ժլատ է մնացել Դամմեում՝ երկուսն էլ թողին ու գնացին Հեյստ։
LV
Ուխտավորի զգեստ հագած և ամբողջ մեղքերի թողություն ստացած Ուլենշպիգելը դուրս եկավ Հռոմից, անխափան առաջ գնաց ու հասավ Բամբերգ, ուր աճում էր աշխարհիս լավագույն բանջարեղենը։
Նա մտավ մի պանդոկ, որի ուրախ֊զվարթ տիրուհին ասաց նրան․
― Երիտասա՛րդ վարպետ, ուզո՞ւմ ես քո փողով ճաշել։
― Այո, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Բայց ի՞նչ գումարով են ճաշում այստեղ։
Տիրուհին պատասխանեց․
― Մեծատունների սեղանին՝ վեց ֆլորինով․ քաղքենիների սեղանին՝ չորս, իսկ սովորական սեղանին երկու։
― Ինչքան ավելի թանկ է՝ այնքան ինձ համար հաճելի է, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Եվ գնաց նստեց մեծատունների սեղանի մոտ։ Երբ կուշտ կերավ և հռենոսյան գինով էլ կոկորդը լավ թրջեց՝ ասաց պանդոկապետուհուն․
― Սանամա՛յր, մի լավ կերա իմ փողով․ տո՛ւր ուրեմն վեց ֆլորինը։
― Պանդոկապետուհին ասաց․
― Ծիծաղո՞ւմ ես վրաս, ի՞նչ է։ Ճաշիդ փողը վճարի՛ր։
― Անուշի՛կ տիրուհի, ― պատասխանեց Ուլենշպիգելը, դուք ամենևին էլ վատ պարտապանի դեմք չունեք․ ընդհակառակը՝ այնպիսի անկեղծություն, այնքան ուղղամտություն և մերձավորի հանդեպ սեր եմ տեսնում ես այնտեղ, որ ավելի շուտ ինձ կտաք տասնութ ֆլորին, քան թե կմերժեք վեցը, որ ինձ պարտք եք։ Սքանչելի՜ աչքեր․ դրանք արեգակ են, որ շողեր են արձակում ինձ վրա և բուսցնում են իմ մեջ սիրո խելահեղությունն ավելի բարձր, քան որևէ լքված արտի սիզախոտը։
― Գործ չունեմ ոչ քո խելահեղության, ոչ էլ սիզախոտի հետ․ փողս տուր ու թող գնա՛, ― պատասխանեց պանդոկապետուհին։
― Թողնեմ գնա՜մ, և ձեզ այլևս չտեսնե՜մ, ― ասաց Ուլենշպիգելը։ Կգերադասեի անմիջապես շունչս փչել։ Տիրուհի՛, քաղցրի՛կ տիրուհի, երբեք վեց ֆլորինանոց ճաշ ուտելու սովորություն չունեմ ես՝ սար ու ձոր ընկած խեղճ թափառականս․ հիմա այնպես եմ տկռել, որ քիչ հետո շան պես կպառկեմ արևի տակ ու լեզուս դուրս կհանեմ․ բարեհաճեցեք փողս տալ, չէ՞ որ արդար կերպով վաստակեցի այդ վեց ֆլորինը ծնոտներիս ծանր աշխատանքով․ տվեք փողս, և ես կգուրգուրեմ ձեզ, կհամբուրեմ, կգրկեմ երախտագիտության այնպիսի ավյունով, որ քսան յոթ սիրահար միասին չկարողանան այդպիսի մի գործ գլուխ բերել։
― Այդ բոլորը փողո՞վ ես խոսում, ― ասաց կինը։
― Ուզո՞ւմ ես առանց փողի ուտեմ քեզ, ― ասաց Ուլենշպիգելը։
― Ոչ, ― ասաց կինը, ― պաշտպանվելով նրանից։
― Ա՜խ, ― հառաչում էր Ուլենշպիգելը՝ հետապնդելով նրան, ― քո մաշկը նման է կաթի սերի, քո մաերը՝ ոսկեզօծ, շամփրած փասյանի, շրթներդ՝ կեռասի։ Քեզանից ավելի համով բա՞ն կա աշխարհումս։
― Չես էլ ամաչում, ստահա՛կ, ― ասաց կինը ժպտալով, ― որ դեռ վեց ֆլորին ես պահանջում։ Գո՛հ եղիր, որ ձրի կերակրեցի քեզ՝ առանց որևէ բան պահանջելու։
― Եթե իմանայիր, թե դեռ որքա՜ն տեղ կա փորումս, ― ասաց Ուլենշպիգելը։
― Դե գնա՛, քանի դեռ ամուսինս չի եկել։
― Ես մեղմ պահանջատեր եմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― միայն մի ֆլորին տուր մոտալուտ ծարավս հագեցնելու համար։
― Ա՛ռ, չա՛ր տղա, ― ասաց կինը և փողը տվեց։
― Բայց թույլ կտա՞ս նորից գամ, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Կհեռանա՞ս, թե չէ, ― գոչեց կինը։
― Հեռանա՜մ, ― ասաց Ուլենշպիգելը, ― այսինքն գամ դեպի քեզ, անուշի՛կս։ Գնալն ավելի քիչ ցավալի է, քան քո գեղեցիկ աչքերից բաժանվելը։ Եթե շնորհ անեիր ինձ պահելու՝ օրական մեկ ֆլորինից ավելի չէի ուտի։
― Մահակի՛ կարոտ ես, ― ասաց կինը։
― Ա՛ռ իմը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Կինը ծիծաղեց, բայց Ուլենշպիգելը ստպիված էր մեկնել։
LVI
Այդ ժամանակներում էր, որ Լամմե Գուդզակը վերադարձավ Դամմե բնակվելու, որովհետև Լիեժը հերետիկոսների պատճառով անհանգիստ էր։ Կինը հաճությամբ հետևեց նրան, որովհետև լլիեժցիները, որ ի բնե հայտնի ծաղրաբան են, ծաղրում էին նրա ամուսնու բարեհոգությունը։
Լամմեն հաճախ էր գնում Կլաասի մոտ, որը ժառանգություն ստանալուց հետո դարձել էր Blauwe Torre[11] գինետան հաճախորդը և այդտեղ ընտրել էր մի սեղան իր և իր ընկերների համար։ Կողքի սեղանին էր նստում և ժլատորեն իր կիսալտրանոցն էր խմում ձկնավաճառների գծուծ, կծծի, ագահ համքարապետ Յոսե Գրեյպսթյուվերը, որն ապրում էր ապխտած տառեխով և փողն ավելի էր սիրում, քան իր հոգու փրկությունը։ Կլաասն իր քսակում էր պահում մագաղաթի այն կտորը, որի վրա գրված էր տասհազարամյա մեղաց թողությունը։
Մի երեկո Լամմե Գուդզակի, Յան վան Ռոզեբեկեի, Մաթիս վան Ասշեի հետ Blauwe Torre֊ում նստած, կոզքի սեղանին էլ Յոսե Գրեյպսթյուվերը, Կլաասը անհաշիվ խմում էր, և Յան Ռոզենեկեն ասաց նրան։
― Այդքան շատ խմելը մեղք է։
― Կլաասը պատասխանեց․
― Ամեն մի ավելրոդ գավի համար միայն կես օր են մարդու վառում, իսկ ես տասը հազար տարվա մեղաց թուղթ ունեմ իմ քսակում։ Ո՞վ է ուզում մի հարյուր տարի տամ նրան, որ կարողանա աներկյուղ կերպով լողացնել իր ստամոքսը։
― Քանիսո՞վ կվաճառես, ― գոռացին ամենքը։
― Մեկ գավի, ― պատասխանեց Կլաասը, ― բայց հարյուր հիսունը կտամ մի muske convn֊ի՝ ճագարի մի բաժնին։
Մի քանի խմող Կլաասին հրամցրին ո՛րը մի գավ գարեջուր, ո՛րը խոզապուխտ, Կլաասը ամեն մեկին կտրեց տվեց մագաղաթի մի փոքրիկ կտոր։ Բայց մեղաց թողության գինը Կլաասը չէր, որ կերավ ու խմեց, այլ Լամմե Գուդզակը․ սա այնքան կերավ, որ սկսեց աչքի առաջ փքվել, մինչդեռ Կլաասը գնում֊գալիս էր պանդոկում ու սաղացնում իր ապրանքը։
Գրեյպսթյուվեը նրա կողմը դարձնելով իր թթված մռութը՝ ասաց․
― Տասը օրվա համար ունե՞ս։
― Ոչ, ― պատասխանեց Կլաասը, ― շատ դժվար է այդքան կտրել։
Ամենքը սկսեցին ծիծաղել, իսկ Գրեյպսթյուվերը՝ բարկությունից ուտում էր իրեն։
Դրանից հետո Կլաասը ճանապարհ ընկավ տուն՝ Լամմեի ընկերակցությամբ, որն այնպես էր քայլում՝ ասես ոտքերը բրդե լինեին։
LVII
Իր տարագրության երրորդ տարվա վերջերին Կատլինը վերադարձավ Դամմե՝ իր կացարանը։ Նա անդադար ու խելացնոր կերպով կրկնում էր․ «Գլուխս վառվում է, հոգիս՝ թակում․ մի ծակ բաց արեք, նա ուզում է դուրս գալ»։ Եվ հենց որ եզ կամ ոչխար էր տեսնում՝ անմիջապես փախչում էր։ Նա նստում էր իր հյուղակի հետևը գտնվող նստարանի վրա՝ լորիների տակ, գլուխն օրորում էր ու առանց ճանաչելու նայում Դամմեի բնակիչներին, որոնք նրա առջևից անցնելիս ասում էին․ «Դա գիժ է»։
Ուլենշպիգելն այդ ժամանակ ճամփաներում ու կածաններում թափառելիս մեծ ճանապարհի վրա տեսավ մի էշ՝ պղնձե գամերով զարդարված թամբ ու սանձով, գլուխը պճնված կարմիր բրդի ծոպերով ու փնջիկներով։
Մի քանի պառավ կին էին կանգանած էշի շուրջը և բոլորը միասին խոսում էին ու ասում․
― Ոչ ոք չի կարող զսպել դրան․ սա անվանի կախարդ՝ դը Ռեի անիծյալ էշն է։ Բարոն դը Ռեն ողջ֊ողջ խարույկ բարձրացվեց՝ ութ երեխա սատանային զոհելու համար։
― Ո՛վ կանա՛յք, էշը այնքան արագ փախավ, որ չկարողացան բռնել։ Սատանան նրա հետ է և պաշտպանում է։ Դրա համար էր, որ նա, թեև հոգնած էր ու կանգնած ճանապարհի վրա, այնուամենայնիվ, երբ համայնքի ոստիկանները եկան բռնելու նրան, նա այնքան սաստիկ էր զարկվում, քացի տալիս ու զռում, որ նրանք չհամաձայնվեցին մոտենալ։
― Եվ դա բնավ էլ իշու զռոց չէր, այլ սատանայի մռնչոց։
― Այդպես էլ թողին, որ նա կրծի ուղտափուշը՝ առանց համարձակվելու դատել նրան և որպես կախարդ ողջ֊ողջ այրել։ ― Այդ մարդիկ ամենևին սրտոտ չեն։
Չնայած այս սրտապնդող խոսքերին, հենց որ էշը տնկում էր ականջները և պոչով հարվածում իր կողերը՝ կանայք ճվճվալով փախչում էին, որպեսզի շաղակրատելով ու կչկչալով նորից հավաքվեն ու դարձյալ թողնեն փախչեն՝ էշի նվազագույն շարժումը տեսնելով։
Ուլենշպիգելին դուր էր գալիս այս բոլորը․ նա ծիծաղում էր։
― Ինչպիսի՜ անվախճան հետաքրքրասիրություն և հավիտենական զրուցասիրություն է գետի պես հորդում այս կանանց, մանավանդ պառավների բերանից, որովհետև ջահելների մոտ հորդումը նվազ հաճախակի է՝ նրանց սիրային զբաղմունքների պատճառով։
Ապա էշին նայելով ասաց․
― Այս կախարդ անասունը կայտառ է և անշուշտ ուսերը չի ցնցում, կարող եմ հեծնել նրան կամ ծախել։
Եվ առանց մի խոսք ասելու գնաց մի քիչ առվյուտ ճարեց, տվեց էշին ուտի, ապա արագ ցատկելով նրա վրա՝ ձգեց սանձը և դարձավ դեպի հյուսիս, դեպի արևելք ու արևմուտք՝ հեռվից օրհնելով պառավներին։ Սարսափից նվաղած պառավները չոքեցին։ Այդ օրը իրիկնապահին նրանք ասում էին, որ փասյանի փետուրով զարդարված գլխարկով մի հրեշտակ եկել, իրենց բոլորին էլ օրհնել էր և աստծու հատուկ շնորհքով տարել էր կախարդի էշը։
Իսկ Ուլենշպիգելը աշտանակելով իր էշը՝ գնում էր փարթամ մարգագետինների միջով, ուր ազատ֊անկաշկանդ ոստոստում էին ձիերը, իսկ արածելուց հետո կովերն ու երինջները ծուլորեն պառկած էին արևի տակ։ Եվ էշի անունը դրեց Եֆ։
Էշն էլ կանգ առավ և խիստ ուրախացած՝ սկսեց ուղտափուշ ուտել։ Սակայն երբեմն ամբողջ մարմնով ցնցվում էր և պոչը խփում կողերին, որպեսզի փախցնի անհագ բոռերին, որոնք նույնպես նրա պես ուզում էին ճաշել՝ միայն թե իր մսով։
Ուլենշպիգելը, որի ստամոքսը քաղցից աղաղակում էր, տխուր էր․
― Դու շատ երջանիկ կլինեիր, ― ասում էր նա, ― հարգո իշուկ, ճաշակելով, ինչպես հիմա ես անում, այս հյութալի ուղտափշերը՝ եթե ոչ ոք չգար խանգարելու քո անդորը և չհիշեցներ, որ դու մահկանացու ես, այսինքն ծնվել ես կրելու ամեն տեսակ դժնիություններ։
― Ինչպես որ դու, ― շարունակեց մենախոսել նա սրունքները սեղմելով, ― ինչպես որ դու՝ սրբազան մաշիկ հագնողն[12] էլ ունի իր բոռը, պարոն Լյութերն է դա, և Նորին բարձր վսեմություն Կառլոսը ունի իրենը․ դա պարոն Ֆրանսուան է՝ անվամբ Առաջինը, խիստ երկար քթով և է՛լ ավելի երկար սրով թագավորը։ Ուրեմն ինձ էլ՝ հրեայի պես թափառող խեղճ միամտիս թույլ է տրված ունենալու իմ բոռը, հարգո՛ իշուկ։ Ավա՜ղ, այդպես է․ բոլոր գրպաններս ծակ են, և այդ ծակերից պատահականության գրկում թափառելով գնում են իմ բոլոր գեղեցիկ դուկատները, ֆլորինները և դիլդերները, ինչպես կատվի բերանի առջևից փախչող մկների լեգեոն։ Չեմ հասկանում, թե ինչո՛ւ փողը ինձ չի սիրում, ինձ, որ այնքան սիրում եմ փողը։ Ոչ, ինչքան էլ ուզում է ասեն, Բախտը կին չէ,[13] որովհետև միմիայն գծուծ ժլատներին է սիրում, որոնք այն պահում, կուտակում են, քսան բանալիով փակում և ամենևին թույլ չեն տալիս, որ սոսկ իր ոսկեզօծ քթի ծայրը դուրս հանի պատուհանից։ Ահա իմ բոռը, որ կրծում ու քորում է ինձ, երբեմն էլ խտուտ անում՝ առանց ինձ ծիծաղեցնելու։ Բայց դու ինձ չես լսում, հարգո՛ իշուկ, և միայն արածելու մասին ես մտածում։ Ա՜խ, փորդ լցնող փորասեր, քո երկար ականջները խուլ են դատարկ ստամոքսների ճիչին։ Դե լսի՛ր, հրամյում եմ։
Եվ սաստիկ մտրակեց էշին։ Էշն սկսեց զռալ։
― Քանի որ երգդ էլ վերջացրիր՝ դե՛, ճանապարհ ընկնենք, ― ասաց Ուլենշպիգելը։
Բայց էշը սահմանաքարից ավելի չէր շարժվում և կարծես թե ծրագրել էր ուտել ճանապարհի բոլոր ուղտափշերը՝ մինչև վերջինը․ իսկ դրանից ինչքան ասես կար։
Ուլենշպիգելը այդ բանը տեսնելով ցած իջավ, ուղտափշի մի փունջ կազմեց, հեծավ էշը և փունջը նրա երախի առաջ պահած՝ այդպես քթից քաշած տարավ հասցրեց Հեսենի լանդգրաֆության հողերը։
― Հարգո՛ իշուկս, ― ասում էր նա ճանապարհին, ― ահա վազում ես դու իմ փնջի հետևից, որ չնչին բան է, ու հետևիդ ես թողնում այս համեղ բույսով լեցուն գեղեցիկ ճանապարհը։ Մարդիկ էլ այդպես են անում, ոմանք հոտոտում են փառքի փունջը, որ Բախտը դնում է նրանց քթի առաջ, ոմանք էլ՝ վաստակի փունջը, ուրիշներն էլ՝ սիրո փունջը։ Ճանապարհի ծայրին նրանք, ինչպես որ դու, նկատում են, որ հետապնդել են քիչը, և իրենց ետևն են թողել այն, ինչ էլի մի բան է, այսինքն՝ առողջություն, աշխատանք, հանգիստ և ընտանեկան բարեկեցությունը։
Այսպես խորհրդածելով իր էշի հետ՝ Ուլենշպիգելը հասավ լանդգրաֆի ապարանքին։
Երկու հրացանակիր սպա նարդի էին խաղում սանդուղքի վրա։
Նրանցից մեկը, որ վիթխարի կազմվածքով շիկահեր մարդ էր, նկատեց համեստորեն Եֆը հեծած Ուլենշպիգելին և սկսեց զննել նրանց։
― Ի՞նչ ես ուզում, ― ասաց նա, ― քաղցած դեմքով ուխտավոր։
― Իրոք որ խիստ քաղցած եմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― և հակառակ իմ ցանկության՝ ուխտավորություն եմ անում։
― Եթե քաղցած ես, ― հարեց կապիտանը, ― վզովդ կե՛ր այն պարանը, որ ճոճվում է թափառաշրջիկների համար կանխորոշված մոտակա կախաղանից։
― Պարո՛ն կապիտան, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― եթե ինձ տայիք այդ գեղեցիկ ոսկեշղթան, որ կրում եք ձեր գլխարկի վրա, ես կերթայի ատամներովս կախվելու այն չաղ խոզի զիստից, որ ճոճվում է այնտեղ՝ խորոված անողի մոտ։
― Որտեղի՞ց ես գալիս, ― հարցրեց կապիտանը։
― Ֆլանդրիայից, ― պատասխանեց Ուլնեշպիգելը։
― Ի՞նչ ես ուզում։
― Ուզում եմ Նորին բարձրություն լանդգրաֆին ցույց տալ մի պատկե, որ ես եմ նկարել։
― Եթե դու նկարիչ ես և ֆլանդրիացի, ― ասաց կապիտանը, ― ներս գնալիս քեզ կտանեմ իմ տիրոջ մոտ։
Առաջնորդվելով լանդգրաֆի մոտ՝ Ուլենշպիգելը ողջունեց նրան երեք անգամ և նույնիսկ ավելի։
― Ձերդ բարձրության բարեհաճությունն եմ աղերսում, որ ների իմ հանդգնությունը, որով համարձակվել եմ գալ մատուցելու առ ոտս Նորին բարձրության մի նկար, որ արել եմ նրա համար, և որտեղ պատիվ ունեմ նկարած լինելու սուրբ Կույսին՝ շքեղ պճնանքով։ Այդ նկարը, ― շարունակեց նա, ― թերևս հավանի Նորին բարձրությունը, և այդ դեպքում ես բավական ինքնավստահ կլինեմ իմ հմտության վրա՝ հուսալով, որ իմ նստոցը կհասցնեմ այս գեղեցիկ, թավշե, կարմրափայլ բազկաթոռին, ուր իր կենդանության օրոք նստում էր Նորին վեհանձնության հավերժ ափսոսալի նկարիչը։
Տյար լանդգրաֆը զննելով նկարը, որ գեղեցիկ էր ասաց․
― Դու կլինես մեր նկարիչը, նստիր այնտեղ՝ բազկաթոռին։
Եվ զվարթությամբ համբուրեց նրա այտերը։ Ուլենշպիգելը նստեց։
― Շատ ես նիհարել, ― ասաց տյար լանգրաֆը՝ դիտելով նրան։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Ճիշտ որ, տե՛ր իմ․ Եֆը՝ այսինքն իմ էշը ուղտափուշ էր ճաշակում, իսկ ես ահա երեք օր է միյան թշվառությամբ եմ ապրում և լոկ հույսի ծխով եմ սնվում։
― Շուտով լավագույն մսով ընթրիք կանես, ― ասաց լանդգրաֆը, ― բայց ո՞ւր է էշդ։
― Թողել եմ մեծ հրապարակում, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― Ձեր բարեսրտության ապարանքի դիմաց։ Չափազանց գոհ կլինեի, եթե Եֆը ունենար գիշերվա օթևան, անկողին և արոտ։
Տյար Լանգրաֆն անմիջապես իր մանկլավիկներից մեկին կանչել տվեց ու ասաց, որ Ուլենշպիգելի էշին նայեն այնպես, ինչպես իր սեփականներին։
Շուտով հասավ ընթրիքի ժամը, որ դարձավ իսկական հարսանիք ու տոնախմբություն։ Մսերից բարձրանում էր անուշահամ գոլորի, գինիներն անձրևում էին կոկորդի մեջ։
Երբ Ուլենշպիգելն ու լանդգրաֆը անթեղի պես կարմրել էին, Ուլենշպիգելն սկսեց զվարթանալ, սակայն լանգրաֆը ասում էր մտախոհ։
― Նկարի՛չ, ― ասաց նա հանկարծ, ― ես պետք է նկարվեմ, որովհետև որևէ մահկանացու իշխանի համար մեծ բավականություն է իր դեմքի հիշատակը կտակել հետնորդներին։
― Տեր իմ Լանգրաֆ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― ձեր ցանկությունը հենց իմ ուզածն է․ բայց ինձ՝ տգետիս թվում է, թե Ձերդ բարձրությունը առանձին նկարվելով՝ մեծ հրճվանք չի ունենա գալիք դարերում։ Նրան պետք է ընկերակցի նրա ազնվազարմ կինը՝ տիկին լանդգրաֆուհին, նրա պալատական տիկիններն ու իշխանները, ամենառազմագետ զորապետներն ու սպաները, որոնց կենտրոնում պարոն լանդգրաֆն ու տիկինը կշողշողան որպես երկու արև լապտերների մեջ։
― Ճշմարիտ է, նկարի՛չ, ― պատասխանեց լանդգրաֆը, ― իսկ ի՞նչ պետք է վճարել այդ մեծ աշխատանքի համար։
― Հարյուր ֆլորին կանխավճար կամ այլ կերպ ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ստացեք նախօրոք, ―ասաց տյար լանդգրաֆը։
― Կարեկի՛ց իշխան, ― հարեց Ուլենշպիգելը, ― դուք ձեթ եք լցնում իմ ճրագի մեջ․ նա կվառվի ի պատիվ ձեզ։
Հաջորդ օրը նա խնդրեց Լանդգրաֆին, որ հերթով անցեն այն բոլոր անձերը, որոնց նկարվելու պատիվ էր վերապահված։
Այդ ժամանակ եկավ Լյունեբուրգի դուքսը՝ լանգրաֆի ծառայության մեջ գտնվող լանդսկեխտների հրամանատարը։ Մի խոշոր մարդ էր դա և մեծ դժվարությամբ էր կրում մսով լցված իր փորը։ Նա մոտեցավ Ուլենշպիգելին և հետևյալ բառերը շշնջաց նրա ականջին․
― Եթե ինձ նկարելիս չհանես ճարպիս կեսը՝ ես քեզ կախել կտամ իմ գուգազների ձեռքով։
Եվ դուքսը հեռացավ։
Ապա եկավ մի բարձրահասակ տիկին, որի կռնակին կուզ կար, իսկ լանջը տափակ էր արդարադատության սրի շեղբի պես։
― Պարո՛ն նկարիչ, ― ասաց նա, ― եթե դու ինձ երկու կուզ չդնես մեկի փոխարեն, որը պետք է ջնջես, և եթե այդ երկուսը չդնես առջևից՝ ես քեզ քառահերձել կտամ որպես մարդ թունավորող։
Եվ տիկինը հեռացավ։
Հետո եկավ մի դեռատի պալատական օրիորդ՝ խարտյաշ, թարմ ու սիրուն, բայց նրա երեք ատամը պակաս էր վերին շրթունքի տակ։
― Պարո՛ն նկարիչ, ― ասաց նա, ― եթե ինձ խնդուն չնկարես և երեսուն երկու ատամներս ցույց չտաս՝ ես քեզ կտոր֊կտոր անել կտամ իմ երկրպագուի ձեռքով։
Եվ ցույց տալով հրացանակիրների այն կապիտանին, որն անցած օրը նարդի էր խաղում պալատի սանդուղքների վրա՝ օրիորդն էլ հեռացավ։
Թափորը շարունակվեց․ Ուլենշպիգելը մենակ մնաց տյար լանդգրաֆի հետ։
― Եթե, ― ասաց լանգրաֆը, ― դու դժբախտություն ունենաս կեղծելու թեկուզ մեկ գիծ այս բոլոր կերպարանքներից՝ նրանց նկարելիս, ես գլուխդ թռցնել կտամ վառյակի պես։
― Գլուխս թռցնեն, ― մտածեց Ուլենշպիգելը, ― քառահերձեն, կտոր֊կտոր անեն կամ առնվազն կախեն․ ավելի լավ չէ՞ ոչ մի բան էլ չնկարեմ։ Մտածեմ տեսնեմ։
― Որտե՞ղ է այն սրահը, ― հարցրեց նա լանգրաֆին, ― որ ես պետք է զարդարեմ այս բոլորի նկարներով։
― Հետևիր ինձ, ― ասաց լանգրաֆը։
Եվ ցույց տալով բոլորովին մերկ պատերով մի սենյակ՝ ասաց․
― Ահա սրահը։
― Ես շատ գոհ կլինեմ, եթե այս պատերից մեծ վարագույրներ կախեն, որպեսզի իմ նկարները ապահովված լինեն ճանճերի ու փոշու թշնամանքից։
― Այդ կլինի, ― ասաց լանդգրաֆը։
Երբ վարագույրները կախեցին, Ուլենշպիգելը երեք օգնական աշակերտ պահանջեց, որպեսզի նրանց պատրաստել տա իր ներկերը։
Երեսուն օր Ո ւլենշպիգելն ու աշակերտները միայն կերուխումով և ուրախությամբ զբաղվեցին, չխնայելով ոչ անուշահամ կերակուրներ, և ոչ էլ հին գինիներ։ Լանգրաֆը հոգում էր ամեն բան։
― Սակայն երեսունմեկերորդ օրը նա եկավ ու քիթը ներս կոխեց այն սենյակը, որի համար Ուլենշպիգելը պատվիրել է, որ ոչ ոք չմտնի։
Հը՛, Թի՛լ, ո՞ւր են նկարները, ― ասաց նա։
― Դեռ հեռու են ավարտելուց, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Կարելի չէ՞ տեսնել։
― Դեռ ոչ։
― Երեսուն վեցերորդ օրը նա դարձյալ քիթը մոտեցրեց դռանը։
― Հը՛, Թի՛լ, ― հարցրեց նա։
― Տյար լանդգրաֆ, ավարտման ճանապարհն են բռնել։
Վաթսուներորդ օրը լանդգրաֆը բարկացավ և ներս մտելով ասաց․
― Այս րոպեիս նկարները պետք է ցույց տաս ինձ։
― Այո, զարհուրի՛կ իշխան, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― բայց բարեհաճեցեք բաց չանել այս վարագույրը, մինչև որ չհրամայեք ներս գան պարոն զորապետները և ձեր արքունիքի տիկինները։
― Համաձայն եմ, ― ասաց լանդգրաֆը։
Եվ նրա հրամանով ամենքն էլ եկան։
Ուլենշպիգելը կանգնած էր պինդ փակված վարագույրի առաջ։
― Տյար լանդգրաֆ, ― ասաց նա, ― և դուք՝ տիկի՛ն լանդգրաֆուհի, և դուք՝ Լյունեբուրգի տե՛ր, և դուք բոլորդ, գեղանի տիկնայք և քաջարի զորավարներ, ես նկարել եմ այս վարագույրի հետև, ինչքան կարողացել եմ, ձեր գողտրիկ կամ ռազմիկ դեմքերը։ Ամեն մեկը ձեզանից առանց դժվարության կճանաչի իրեն։ Դուք շտապում եք ձեզ տեսնել, բնական է դա և արդարացի, բայց համբերելու շնորհ արեք և թույլ տվեք, որ ձեզ ասեմ մեկ կամ վեց բառ։ Գեղեցի՛կ տիկնայք և քաջարի զորապետներ, որ բոլորեքյան ազնվազարմ եք, կարող եք տեսնել իմ նկարը և հիանալ․ բայց եթե ձեր մեջ կա որևէ ռամիկ՝ նա ճերմակ պատից բացի ուրիշ բան չի տեսնի։ Իսկ հիմա շնորհ արեք բանալու ձեր ազնվածին աչքերը։
Եվ Ուլենշպիգելը քաշեց վարագույրը։
― Ազնվական մարդիկ են միայն տեսնում նկարը, ազնվազարմ տիկինայքն են միայն տեսնում այն, և շատ չանցած մարդիկ այսպես կասեն՝ «Նկարչության մեջ ռամիկի պես կույր է կամ ազնվականի պես հստակատես»։
Ամենքն էլ մեծ֊մեծ բացել էին աչքերը՝ ձևացնելով, թե նայում են նկարին, ցույց էին տալիս իրար, ճանաչում, մատնացույց անում, բայց իրականում միայն մերկ պատն էին տեսնում, ուստի և քթները խիստ կախել էին։
Հանկարծ ծաղրածուն, որ այդտեղ էր, երեք ոտնաչափ վեր ցատկեց՝ զնգզնգացնելով իր բոժոժիկները, և ասաց․
― Թող ասեն, որ ես ռամիկ եմ, ռամկային և ռամկածնունդ ռամիկ, բայց ես կասեմ և շեփորներով և փողերով կաղաղակեմ, որ այդտեղ տեսնում եմ միայն մերկ պատ, սպիտակ, դատարկ պատ։ Աստված ու նրա սուրբերն ինձ օգնակա՜ն։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Երբ խենթերը խառնվում են խոսքի՝ ժամանակն է, որ խելոքները հեռանան։
Եվ նա պալատից դուրս գալու վրա էր՝ երբ լանդգրաֆը կանգնեցրեց նրան։
― Ծո՛ւռ ծռան, ― ասաց նա, ― դո՛ւ, որ շրջում ես աշխարհում ու գովաբանում լավ ու գեղեցիկ բաները և լիաբերան ծաղրաբանում հիմարությունը, դո՛ւ որ համարձակվեցիր այսքան ազնվազարմ տիկնանց և բարձրաստիճան իշխանների դեմհանդիման հրապարակավ ծաղրել իշխանական ու տոհմային հպարտությունը, մի օր կախաղան կհանվես ազատ խոսելուդ համար։
― Եթե պարանը ոսկուց է՝ ինձ տեսնելուն պես վախից կկտրվի, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ահա քեզ նրա առաջին ծայրը, ― ասաց լանդգրաֆը՝ տասնհինգ ֆլորին տալով։
― Շատ շնորհակալ եմ, տե՛ր իմ, ― ասաց Ուլենշպիգելը, ― ճանապարհի յուրաքանչյուր պանդոկ կստանա դրա մի թելը, մի իսկական ոսկեթել, որ այդ ավազակ պանդոկապաններին Կրեսոսներ է դարձնում։
Եվ գդակը ծուռ դրած, փետուրը քամուն տված՝ Ուլենշպիգելը ցատկեց էշի վրա և ուրախ֊զվարթ ճանապարհ ընկավ։
LVIII
Ծառերի տերևները դեղնում էին, և աշնանային քամին սկսում էր փչել։ Կատլինի խելքը երբեմն մեկ կամ երեք ժամով գլուխն էր գալիս։ Այդ ժամանակ Կատլինը ասում էր, որ աստծու հոգին իր քաղցր ողորմությամբ այցելել է նրան։ Այդ րոպեներին նա կարողանում էր խոսքով ու շարժումներով Դյութել Նելեին, որով սա տեսնում էր դեպքեր հարյուր ու ավելի մղոն հեռու գտնվող հրապարակներում, փողոցներում կամ տներում։
Այդ օրն էլ Կատլինի խելքը գլխին էր և Կլաասի, Սոոտկինի ու Նելեի հետ oliekoek` էր ուտում ու վրան էլ dobbelcuyt կոնծում։
Կլաասն ասաց․
― Այսօր Նորին սրբազնագույն վսեմություն Կառլոս Հինգերորդ կայսեր գահից հրաժարվելու օրն է։ Նելե՛, ջանի՛կս, կարո՞ղ ես տեսնել մինչև Բրյուսել։
― Կարող եմ, եթե Կատլինը կամենա, ― պատասխանեց Նելեն։
Այդ ժամանակ Կատլինը նստեցրեց աղջկան մի նստարանի վրա և խոսքով ու շարժումներով դյութելով նրան՝ ընկողմանեց խոր քնի մեջ։
― Մտիր զբոսայգու փոքրիկ տունը, որ Կառլոս Հինգերորդ կայսրի գերադասած աթոռանիստն է, ― ասաց Կատլինը։
― Ես գտնվում եմ կանաչագույն յուղաներկով ներկված մի փոքրիկ սրահում, ― ասաց Նելեն կամացուկ, ասես խեղդվելով խոսելով։ ― Այստեղ կա հիսունչորս տարեկանի մոտ մի մարդ՝ ճաղատ ու ալեհեր, խիստ դուրս ընկած կզակին խարտյաշ մորուք, մոխրագույն աչքերը վատ հայացք ունեն և լի են խորամանկությամբ, դաժանությամբ և շինծու բարեսրտությամբ։ Այդ մարդուն անվանում են Ձերդ սրբազնագույն վսեմություն։ Նա կատարախտ ունի և սաստիկ հազում է։ Նրա մոտ մի ուրիշը՝ երիտասարդ, տգեղ դնչով, մեծ գլխով, կապիկի նման․ սրան տեսնում եմ Անտվերպենում․ Ֆիլիպ արքան է նա։ Նորին սրբազնագույն վսեմությունը հիմա նախատում է նրան, որ գիշերը տնից դուրս է եկել՝ անկասկած, ասում է նա, որ քաղաքի հետամնաց մասի որևէ որջում մի լրբուհի գտնի։ Նրա մազերից գինետան հոտ է գալիս, ասում է նա, որ թագավորի համար ամենևին էլ հաճույք չէ, քանի որ նրան մնում է միայն ընտրել գողտրիկ մարմիններ, սիրատարփ ազնվատոհմ տիկինների թավշանման մաշկն ու բազուկները՝ թարմացած անուշաբույր լոգարաններում։ Սա շատ ավելի լավ է, ասում է նա, քան թե հարբեցող գուգազի գրկից դուրս եկած որևէ խելահեղ, հազիվ մի քիչ լվացված խոզուհին։ Չկա այնպիսի մի կին, մի կույս, ամուսնացած կամ այրի, որ ուզենար դիմադրել նրան՝ ամենից ավելի ազնվազարմ ու գեղեցիկ էակների մեջ, որոնք լուսավորում են իրենց սիրային զվարճությունները հոտավետ մոմերով և ոչ թե գարշահոտ ճարպապմոմի ճենճերահալ առկայծումով։
Թագավորը նորին սրբազնագույն վսեմությանը պատասխանում է, թե ամեն բանում կհնազանդվի նրան։ Ապա Նորին վսեմությունը հազում է և մի քանի կում շաքարեփ գինի խմում։
«Շուտով, ― ասում է նա Ֆիլիպին, ― դու կտեսնես գլխավոր շտատները՝ եպիսկոպոսները, ազնվականները ու քաղաքացիներ ― Վիլհելմ Լռակյաց դ'Օրանժին, Սնափառ Դ'Էգմոնտին, Չսիրված դը Հոորնին, Առյուծանման Բրեդերոդենին, ինչպես նաև ոսկեգեղմի բոլոր ասպետներին, որոնց վեհապետը կդարձնեմ ես քեզ։ Դու այդտեղ կտեսնես մի հարյուր ունայնամիտ մարդ, որոնք թույլ կտային, որ իրենց քիթը կտրեն, որպեսզի կարողանային այն կրել կրծքի վրա՝ կախված մի ոսկե շղթայից՝ ամենաբարձր ազնվականության այդ նշանից»։
Ապա Նորին սրբազնագույն վսեմությունը փոխում է շեշտը և տրտմությամբ ասում Ֆիլիպ արքային։
«Գիտես, զավա՛կս, որ շուտով հրաժարվելու եմ գահից հօգուտ քեզ, մի մեծ ներկայացում եմ տալու համայն աշխարհին և պիտի խոսեմ մի խուռներամ բազմության առաջ՝ թեև զկռտում եմ ու հազում (որովհետև ամբողջ կյանքումս խիստ շատ եմ կերել, զավա՛կս), և դու չափազանց քարսիրտ պետք է լինես, եթե ինձ լսելուց հետո մի քանի կաթիլ արցունք չթափես»։
«Լաց կլինեմ, հա՛յր իմ», ― պատասխանում է Ֆիլիպ արքան։
Ապա նորին սրբազնագույն վսեմությունը ասում է մի սպասավորի, որի անունը Դյուբուա է․
«Դյուբուա՛, ― ասում է նա, ― տո՛ւր ինձ մի քիչ Մադերայի քաղցրահյութից, զկռտում եմ․ չլինի թե զկռտոցս բռնի այն ժամանակ, երբ խոսեմ այդ բազմության առաջ։ Երեկվա սագը կարծես կոկորդումս է մնացել։ Գուցե լավ կլիներ, եթե մի գավ Օռլեանի գինի խմեի․ չէ, շատ է տտիպ։ Մի քանի հատ անձրուկ չուտե՞մ արդյոք․ չէ՛, շատ յուղալի են։ Դյուբուա՛, Ռոման գինի տուր»։
Դյուբուան Նորին սրբազնագույն վսեմությանը տալիս է նրա ուզածը, ապա բոսորագույն թավշե զգեստ է հագցնում նրան, վրան ոսկեճամուկ պատմուճան գցում, թուրը կապում, նրա ձեռքն է տալիս արքայաքան գավազանն ու երկրագունդը և գլխին դնում է արքայական թագը։
Հետո Նորին սրբազնագույն վսեմությունը դուրս է գալիս զբոսայգում գտնվող տնից։ Նա հեծած է մի փոքրիկ ջորի․ հետևից գալիս են Ֆիլիպ արքան և բազմաթիվ բարձրաստիճան անձինք։ Այդպես նրանք գնում են մի մեծ շենք, որն անվանում են պալատ, և նրա սենյակներից մեկում գտնում մի բարձրահասակ, նիհար մարդ՝ փարթամորեն հագնված, որին անվանում են դ'Օրանժ։
Նորին սրբազնագույն վսեմությունը դիմում է այդ մարդուն և ասում․
«Տեսքս լա՞վ է, Վիլհե՛լմ գեռորդի»։
Բայց այդ մարդը չի պատասխանում։
Այն ժամանակ Նորին սրբազնագույն վսեմությունը կես խնդում, կես բարկացած ասում է նրան․
«Ուրեմն դու միշտ հա՞մր ես մնալու, քեռորդի՛, նույնիսկ այն ժամանակ, երբ պետք է ճշմարտությունն ասել հնոտիներին։ Ասա՛, Լռակյա՛ց, պե՞տք է դեռ թագավորեմ, թե հրաժարական տամ»։
«Սրբազնագույն վսեմություն, ― ասում է նիհար մարդը, ― երբ ձմեռը գալիս է, ամենահզոր կաղնիներն անգամ թափում են իրենց տերևները»։
Խփում է ժամը երեքը։
«Լռակյա՛ց, ― ասում է կայսրը, ― ուսդ տուր, որ հենվեմ վրան»։
Եվ Նորին վսեմությունը նրա ու իր շքախմբի հետ մտնում է մի մեծ դահլիճ, նստում է ատլասներով ու բոսորագույն գորգերով ծածկված գահակալի վրա՝ ամպհովանու տակ։ Այդտեղ երեք բազկաթոռ կա․ Նորին սրբազնագույն վսեմությունը նստում է մեջտեղի բազկաթոռին, որ մյուսներից ավելի է ակնազարդված և կայսերական թագ ունի վերնամասում։ Ֆիլիպ արքան նստում է երկրորդին․ երրորդը կնոջ համար է, որն անկասկած թագուհի է։ Աջից ու ձախից, գորգապատ նստարանների վրա բազմած են կարմրազգեստ մարդիկ, որոնք վզից ոսկե ոչխար կախած ունեն։ նրանց հետևը կանգնած են բազմաթիվ անձինք՝ անշուշտ իշխաններ և սեպուհներ։ Գահակալի դեմուդեմը և ստորոտում, ոչ գորգապատ նստարանների վրա նստած են մահուդե գսեստներով մարդիկ։ Լսում եմ, որ նրանք ասում են իրար, թե այդքան համեստ նստած ու հագնված լինելու պատճառն այն է, որ իրենք են վճարում ամբողջ ծախսը։ Երբ Նորին վսեմությունը ներս է գալիս՝ ամեն ոք կանգնում է, բայց կայսրը շուտով նստում է և նշան տալիս, որ նույնը անեն։
Դրանից հետո երկար խոսում է մի ծեր մարդ՝ ծոր տալով, ապա մի կին, որ կարծես թագուհի է, Նորին վսեմությանն է մատուցում մագաղաթի մի փաթույթ, որի վրա բաներ կան գրված և որ Նորին վսեմությունը կարդում է հազալով, խուլ ու ցած ձայնով, և կարծես ինքն իրեն ասում է․
«Ես բազմաթիվ ճամփորդություններ եմ արել Իսպանիայում, Հոլանդիայում, Անգլիայում․ և այդ ամենը ի փառս աստուծո, իմ զենքի հռչակի և իմ ժողովուրդների բարօրության։
Ապա երկար խոսելուց հետո ասում է, որ ինքը հոգնած է ու վատուժ և ուզում է Իսպանիայի թագը, ինչպես և այս երկրների կոմսությունները, դքսություններն ու մարկիզությունները հանձնել իր որդուն։
Հետո նա լալիս է և ամենքն էլ լաց են լինում նրա հետ։
Դրանից հետո վեր է կենում Ֆիլիպ արքան և ծունկ չոքելով՝ ասում է․
«Սրբազնագույն վսեմություն, արդյո՞ք թույլատրելի է ինձ ստանալ ձեր ձեռքից այդ թագը, երբ դուք դեռ այնքան ընդունակ են այն կրելու»։
Ապա Նորին վսեմությունը նրա ականջին ասում է, որ բայրացակամորեն խոսի՝ գորգապատ բազմոցներին նստած մարդկանց դիմելով։
Ֆիլիպ թագավորը դառնում է դեպի նրանց և կծու ձայնով առանց վեր կենալու ասում է․
«Ես բավական լավ հասկանում եմ ֆրանսերեն, բայց այնքան չգիտեմ, որ այդ լեզվով խոսեմ ձեզ հետ։ Դուք կլսեք այն, ինչ Արրասի եպիսկոպոս պարոն Գրանվելը կասի ձեզ իմ անունից»։
«Լավ չես խոսում, որդյակս», ― ասում է Նորին վսեմությունը։
Եվ իրոք, ժողովականները, դժգոհ մրմնջում են՝ տեսնելով, որ երիտասարդ թագավորն այդքան հպարտ է ու մեծամիտ։ Կինը, որ թագուհին է, նույնպես խոսում է՝ գովաբանելու համար նրան․ ապա գալիս է մի ծեր դոկտորի հերթը․ երբ սա վերջացնում է՝ Նորին սրբազնագույն վսեմությունը ի նշան շնորհակալության՝ ձեռքով է անում նրան։ Այդ արարողությունն ու ճառերը վերջանալուց հետո Նորին վսեմությունը հայտարարում է, որ իր հպատակները ազատվում են հավատարմության երդումից, ստորագրում է դրան վերաբերող արձանագրությունները և, ելնելով իր գահից՝ որդուն է նստեցնում այդտեղ։ Սրահում ամեն ոք լալիս է։ Հետո նրանք վերադառնում են պարտեզի տունը։
Այդտեղ հասնելուց հետո Նորին արբազնագույն վսեմությունը փակվում է կանաչ սենյակում և քահ֊քահ ծիծաղելով ասում է Ֆիլիպ թագավորին, որը ամենևին չի ծիծաղում։
― Տեսա՞ր, ― ասում է նա՝ միաժամանակ խոսելով, զկռտալով ու ծիծաղելով, ― թե որքա՜ն քիչ բան է պետք մեղմացնելու համար այդ միամիտներին։ Արցունքի ինչպիսի՜ ջրհեղեղ։ Եվ այդ առույգ Մաասը, որ իր երկար ճառը վերջացնելուց հետո հորթի պես լաց էր լինում։ Նույնիսկ դու էլ հուզված էիր երևում, բայց ոչ բավականաչափ։ Սրանք են ահա այն ներկայացումները, որ պետք է տալ ժողովրդին։ Որդյա՛կս, մենք տղամարդիկս այնքան ավելի ենք սիրում մեր մտերիմներին, ինչքան որ ավելի են նրանք մեզ արժենում։ Այդպես են և ժողովուրդները։ Ինչքան ավելի ենք մենք ստիպում նրանց վճարել, այնքան ավելի են նրանք մեզ սիրում։ Գերմանիայում ― ես թույլատրեցի ռեֆորմատների դավանանքը, որ խստորեն արգելում և պատժի էի ենթարկում Հոլանդիայում։ Եթե գերմանական իշխանները կաթոլիկ լինեին՝ ես կդառնայի լյութերական և կբռնագրավեի նրանց ունեցվածքը։ Նրանք հավատում են կաթոլիկության նկատմամբ տածած իմ անկեղծությանը և ցավում են, որ լքում եմ իրենց։ Իմ գիտությամբ Հոլանդիայում հերետիկոսության համար զոհվել է հիսուն հազար մարդ՝ նրանց ամենաքաջ տղամարդկանցից և ամենագողտրիկ աղջիկներից։ Հիմա ես հեռանում եմ՝ նրանք ողբ ու կոծ են անում։ Չհաշվելով բռնագրավումները՝ ես նրանցից ավելի եմ տուրք ստացել, քան Հնդկաստանից ու Պերուից, և այնուամենայնիվ նրանք ցավում են, որ կորցնում են ինձ։ Ես պատռեցի Կաձանի դաշնագիրը, զսպեցի Գենտը, ջնջեցի այն ամենը, որ կարող էր կաշկանդել ինձ՝ ազատություն, արտոնություն, մենաշնորհ, ամեն ինչ ենթակա է արքունի պաշտոնյաների իշխանությանը․ այնուամենայնիվ այդ միամիտները կարծում են, թե ազատ են, որովհետև թույլ եմ տալիս, որ նրանք նետեր արձակեն և թափորների ժամանակ տանեն իրենց համքարական դրոշները։ Նրանք զգացել են իմ վեհապետական ձեռքի ուժը, և երբ հիմա դրված են վանդակի մեջ՝ լավ են զգում իրենց, երգում են և ինձ ողբում։ Որդյա՛կ իմ, եղի՛ր նրանց հետ այնպես, ինչպես ես եմ եղել՝ խոսքով բարեսիրտ, գործով խստասիրտ։ Լիզիր այնքան ժամանակ, որքան կծելու կարիք չունես։ Երդվի՛ր, շարունակ երդվիր նրանց ազատությունների, արտոնությունների և մենաշնորհների վերաբերյալ, բայց եթե դրանք կարող են վտանգ դառնալ քեզ համար՝ ջնջի՛ր։ Նրանք երկաթե են, երբ երկչոտորեն ես ձեռք տալիս նրանց, ապակե են՝ երբ հուժկու ձեռքով փշրում ես։ Հարվածի՛ր հերետիկոսներին ոչ թե հռոմեական եկեղեցուց ունեցած տարբերության համար, այլ որովհետև նրանք մեր հեղինակությունը ստանում են Հոլանդիայում․ նրանք, որոնք հարվածում են պապին, որ երեք թագ ունի, շուտ կմաքրեն այն իշխանների հաշիվը, որոնք միայն մի թագ ունեն։ Դու էլ ինձ պես խղճի ազատությունը համարիր Նորին վսեմության դեմ գործված հանցագործություն, բռնագրավիր կայքն ու ունեցվածքը, և ամբողջ կյանքումդ ինձ նման ժառանգություն կստանաս։ Եվ երբ հեռանաս գահից հրաժարվելով կամ մեռնելով՝ նրանք կասեն․ «Ափսո՜ս, լավ վեհապետ էր»։ Եվ կողբան։
― Այլևս ոչինչ չեմ լսում, ― ավելացրեց Նելեն, ― որովհետև Նորին սրբազնագույն վսեմությունը պառկել է մահճակալի վրա և քնում է, իսկ Ֆիլիպ արքան՝ հպարտ ու մեծամիտ՝ նայում է նրան առանց սիրո զգացմունքի։
Այս խոսքերից հետո Կաատլինը արթնացրեց Նելեին։
Իսկ Կլաասը մտախոհ նայում էր բուխարին լուսավորող օջախի բոցին։
LIX
Ուլենշպիգելը լանդգրաֆից բաժանվելուց հետո հեծավ իր էշը և մեծ հրապարակով անցնելու ժամանակ հանդիպեց մի քանի իշխանների ու տիկինների զայրացած դեմքերին, բայց ամենևին չմտահոգվեց։
Շատ չանցած նա հասավ Լյունեբուրգի դքսի հողերին և այդտեղ հանդիպեց Smaedelyke broeder֊ների[14] մի խմբի․ սրանք սլյուիսցի ուրախ ֆլամաններ են, ամեն շաբաթ օր մի քիչ փող են մի կողմ դնում, որպեսզի տարին մեկ անգամ ման գալու գնան Գերմանիա։
Նրանք երգելով գնում էին՝ նստած մի բաց սայլի մեջ․ սայլը քաշում էր վյորն֊ամբախության մի հուժկու ձի, որը տրտինգ տալով տանում էր այդ ուրախ մարդկանց Լյունեբուրգի դքսության ճանապարհներով ու ճահիճներով։ Մի քանիսը մեծ ժխոր բարձրացնելով նվագում էին սրինգ, եռաղեղ ջութակ, մեծ ջութակ ու պարկապզուկ։ Սայլի կողքից շատ անգամ քայլում էր մի dikzak[15] ու roomelpot նվագում․ նա ոտքով էր գնում հուսալով հալեցնել իր տռուզ փորը։
Արդեն վերջին ֆլորինն էր մնացել նրանց մոտ, երբ տեսան իրենց կողմը եկող Ուլենշպիգելին՝ փողերը զրնգացնելիս։ Նրանք մտան մի պանդոկ և խմիչք հրամցրեցին Ուլենշպիգելին, որ հաճությամբ ընդունեց։ Բայց տեսնելով, որ Smaedelyke broeder֊ները իրեն նայելիս աչքով են անում իրար և ժպտում՝ իր բաժակը լցնելիս, որևէ խաղ խաղալ նրանց գլխին։ Ուստի վեր կացավ և կանգնելով դռան հետևը՝ սկսեց լսել նրանց խոսակցությունը։ Եվ ահա dilzak֊ն ասաց․
― Սա նկարիչն է լանդգրաֆի, որը հազար ֆլորին է տվել նրան մի նկարի համար։ Եկեք գարեջուր ու գինի խմեցնենք՝ մեզ կրկնակի կվերադարձնի։
― Ամե՜ն, ― ասացին մյուսները։
Ուլենշպիգելը տարավ իր էշը և թամբված ու պատրաստ կապեց մի հազար քայլ հեռու գտնվող ագարակատիրոջ մոտ, երկու պատար տվեց մի աղջկա, որ հսկի նրան, ինքը վերադարձավ պանդոկ և առանց մի բառ ասելու նստեց Smaedelyke broeder֊ների սեղանի մոտ։ Սրանք անվերջ լցնում էին նրա բաժակը և վճարում։ Ուլենշպիգելը քսակի մեջ զնգզնգացնում էե լանդգրաֆի տված ֆլորինները՝ և ասելով, թե քիչ առաջ իր էշը ծախեց մի գյուղացու՝ տասնյոթ արծաթ դաելդերով։
Նրանք ճանապարհորդում էին՝ ուտելով ու խմելով, սրինգ, պարկապզուկ ու rommelpot նվագելով և իրենց մոտ առնելով սիրունիկ թվացող կանանց։ Այդպիսով նրաք աշխարհ բերին բավականաչափ երեխաներ, իսկ Ուլենշպիգելին վիճակված կինը հետո մի որդի ունեցավ և անունը դրեց Ուլենշպիգելիկ, որ վերին գերմանական լեզվով նշանակում է փոքրիկ հայելի և բու․ Նա այդ անունը դրեց, որովհետև լավ չէր հասկանում իր պատահական մարդու անվան նշանակությունը, և, գուցե ի հիշատակ այն ժամի, որի շնորհիվ ստեղծվել էր փոքրիկը։ Եվ այս Ուլենշպիգելիկն է, որի մասին սխալմամբ ասում են, թե ծնվել է Կնիտինգենում՝ Սաքսոնիա։
Անձնատուր լինելով իրենց պնդակազմ ձիու արիությանը նրանք գնում էին մի խճուղով, որի եզրին կար մի գյուղ և մի պանդոկ՝ In den ketele՝ «Դեպի կաթսան» ցուցանակով։ Այդտեղից տապակածի շատ հաճելի հոտ էր գալիս։
Ցմփորը, որ rommelpot էր նվագում, գնաց պանդոկատիրոջ մոտ և ցույց տալով Ուլենշպիգելին՝ ասաց․
― Սա լանդգրաֆի նկարիչն է, նա ամեն ինչի փողը կտա։
Պանդոկապանը զննելով Ուլենշպիգելի դեմքը, որ բարի էր, և լսելով ֆլորինների ու դիլդերների զրնգոցը՝ ուտելիք ու խմիչք դրեց սեղանին։ Ուլենշպիգելը որևէ բանից հետ չէր մնում և շարունակ զնգզնգացմում էր կախ֊քսակի փողերը, ստեպ֊ստեպ խփելով նաև իր գլխարկին ու ասելով, որ հարստության ամենամեծ մասն այդտեղ է։ Երկու օր ու գիշեր կերուխում անելուց հետո Զվարճասեր եղբայրներն Ուլենշպիգելին ասացին․
― Բավական է ինչքան կերանք ու խմեցինք․ վճարենք ու գնանք։
― Երբ մուկը պանրի մեջ է՝ հարցնո՞ւմ է, թե ուր գնամ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ոչ, ― ասացին նրանք։
― Իսկ երբ մարդը լավ ուտում ու խմում է՝ որոնո՞ւմ է արդյոք ճանապարհների փոշին ու տզրուկներով լեցուն աղբյուրների ջուրը։
― Ոչ, ― ասացին նրանք։
― Ուրեմն, ― վրա բերեց Ուլենշպիգելը, ― մնանք այստեղ, քանի դեռ իմ ֆլորիններն ու դիլդերները ծառայում են մեզ որպես ձագար՝ լցնելու համար մեր կոկորդը այնպիսի գինիներ, որ ծիծաղ են հարուցում։
Եվ պատվիրեց պանդոկապետին էլի գինի ու երշիկ բերել։
Երբ ուտում֊խմում էին, Ուլենշպիգելն ասում էր․
― Վճարողը ես եմ․ հիմա ես լանդգրաֆ եմ։ Եթե քսակս դատարկ լիներ, ի՞նչ կանեիք, ընկերնե՛ր։ Կառնեիք փափուկ թաղիքե գլխանոցս և կտեսնեիք, որ լցված է կառոլուսներով թե՛ մեջտեղից, թե՛ եզրերից։
― Թո՛ղ մի շոշափենք, ― ասում էին ամենքն էլ միասին։ Եվ հառաչելով զգում էին այդտեղ, իրենց մատների տակ ոսկե կառոլուսի մեծություն ունեցող խոշոր դրամներ։ Բայց նրանցից մեկը այնպիսի մտերմությամբ էր շոշափում գլխանոցը, որ Ուլենշպիգելը վերցրեց ու ասաց․
― Անզո՛ւսպ կթվոր, պետք է կարողանաս սպասել, մինչև կթելու ժամը։
― Գլխարկիդ կեսն ինձ տուր, ― ասում էր մի Smaedelyk broeder:
― Ոչ, ― պատասխանում էր Ուլենշպիգելը, ― չեմ ուզում, որ գժի ողեղ ունենաս՝ կեսը ստվերի, կեսը արևի տակ։
Ապա իր գլխանոցը տալով պանդոկի տիրոջը՝ ասաց․
― Քանի շոգ է՝ թող մոտդ մնա, ես էլ գնամ դուրսը դատարկվելու։
Այդպես էլ արեց․ պանդոկապանը վերցրեց֊պահեց գլխանոցը։
Շուտով նա դուրս եկավ պանդոկից, գնաց գյուղացու մոտ, հեծավ էշը և արագությամբ արշավեց Էմբդեն տանող ճանապարհով։
Զվարճասեր եղբայրները տեսնելով, որ նա չի վերադառնում՝ ասում էին իրար․
― Չլինի՞ թե փախավ։ Հապա ո՜վ կվճարի ծախսերը։
Պանդոկապանը ահաբեկված՝ դանակի մի հարվածով բացեց Ուլենշպիգելի գլխանոցը։ Բայց կառոլուսների փոխարեն թաղիքի ու աստառի միջև գտավ պղնձե չնչին ժետոններ։
Ուստի զայրանալով Smaedelyke broeder֊ների վրա՝ ասաց․
― Խաբեբայության եղբայրնե՛ր, այստեղից դուրս չեք գա, մինչև որ չհանեք ու տաք ինձ ձեր բոլոր հագուստները, բացի շապկից։
Եվ նրանք ստիպված եղան բոլորեքյան հանել իրենց շորերը՝ կերուխումի փողը վճարելու համար։
Այդպես, միայն մեկ շապկով գնում էին նրանք սար ու ձորով, որովհետև չէին ոզեցել ծախել ո՛չ ձին, ո՛չ էլ սայլը։
Եվ ամեն ոք տեսնելով նրանց այդպես խղճալի վիճակում՝ հաճությամբ տալիս էր մի կտոր հաց, գարեջուր, երբեմն էլ միս, որովհետև ամեն տեղ նրանք ասում էին, թե կողոպտված են ավազակներից։
Եվ այդպես մեկ շապիկով նրանք վերդարձան Սլյուիս՝ պարելով իրենց սայլակում և rommelpot նվագելով։
LX
Այդ միջոցին Ուլենշպիգելը տրտնգալով Եֆի զավակին՝ գնում էր Լյուներգուրգի դքսի հողերով ու ճահճուտներով։ Ֆլամաններն այդ դքսին անվանում են Watersignorke՝ ջրի իշխան, որովհետև միշտ խոնավ է նրա երկիրը։
Եֆը շան պես հնազանդվում էր Ուլենշպիգելին, bruinbier՝ սև գարեջուր էր խմում, պարում էր ավելի լավ, քան ճկունության արվեստի վարպետ մի հունգարացի, մեռած էր ձևանում և տիրոջ նվազագույն նշանի դեպքում պառկում էր կռնակի վրա։
Ուլենշպիգելը գիտեր, որ Լյունեգուրգի դուքսը խիստ զայրացած է իր դեմ այն ծաղրի համար, որին ենթարկվել էր Դարմշտադում, Հեսենի լանդգրաֆի ներկայությամբ․ գիտեր նաև, որ կախաղան հանվելու սպառնալիքով արգելված էր իրեն մտնել դքսության հողը։
Մեկ էլ նա տեսավ, որ հանդիպակաց կողմից գալիս է Նորին դքսային բարձրությունը՝ անձամբ, և որովհետև գիտեր, որ դուքսը ցասկոտ է՝ վախեցավ։ Խոսքն ուղղելով իր էշին ասաց․
― Ե՛ֆ, տե՛ս, ահա գալիս է Լյունեբուրգի տերը։ Վզիս վրա պարանի քոր եմ զգում, բայց երանի քորողը դահիճը չլինի։ Ե՛ֆ, ես կուզենամ, որ ինձ քորեն, բայց ոչ թե կախեն։ Հիշիր, որ մենք եղբայրներ ենք զրկանքներ կրելու և երկար ականջներ ունենակու տեսակետից․ մտածիր նաև, թե ինչպիսի՜ լավ բարեկամ կկորցնես ինձ կորցնելով։
Եվ Ուլենշպիգելը աչքերն էր սրբում, իսկ Եֆը զռոցն էր գցում։
Խոսքը շարունակելով Ուլենշպիգելն ասաց․
― Ուրախ կամ տխուր ապրում ենք միասին՝ նայած պատահականության․ լավ հիշո՞ւմ ես։ ― Էշը շարունակում էր զռալ, որովհետև քաղցած էր։ ― Եվ դու երբեք չես կարողանա ինձ մոռանալ, որովհետև ո՛ր բարեկամությունն է ուժեղ, եթե ոչ այն, որը ծիծաղում է նույն ուրախությունից, և լալիս նույն հոգսերի պատճառով։ Ե՛ֆ, պետք է պառկես մեջքիդ վրա։
Հեզաբարո էշը հնազանդվեց, դուքսը տեսավ նրան՝ չորս սմբակները վեր ցցած։ Ուլենշպիգելն իսկույն նստեց նրա փորին։ Դուքսը մոտենում էր նրան։
― Ի՞նչ ես անում ասյտեղ, ― ասաց նա։ ― Մի՞թե չգիտես, որ իմ վերջին ազդարարությամբ քեզ արգելել եմ՝ կախաղանի սպառնալիքով՝ փոշոտ ոտքդ դնես իմ երկիրը։
― Ողորմա՛ծ տեր, գթացե՜ք ինձ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Ապա ցույց տալով իր էշը՝ ավելացրեց։
― Դուք շատ լավ գիտեք, որ օրենքով ու իրավունքով ազատ է այն մարդը, ով ապրում է իր չորս ցցերի մեջ։
Դուքսը պատասխանեց․
― Դո՛ւրս գնա իմ երկրից, ապա թե ոչ մեռցնել կտամ քեզ։
― Տե՛ր իմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― ինչպիսի՜ արագությամբ դուրս կգայի այստեղից, եթե հեծած լինեի մեկ կամ երկու ֆլորինի վրա։
― Դատարկապո՛րտ, ― ասաց դուքսը, ― բավական չէ, որ անհնազանդ ես, դեռ փող էլ ես խնդրում։
― Ինչպե՞ս չխնդրեմ, տե՛ր իմ, քանի որ ձեզնից խլել չեմ կարող․․․
Դուքսը մի ֆլորին տվեց նրան։
Հետո Ուլենշպիգելը խոսքն իր էշին ուղղելով ասաց․
Ե՛ֆ, վեր կաց և ողջունիր իշխանին։
Էշը վեր կացավ և սկսեց զռալ։ Ապա եկուսն էլ մեկնեցին։
LXI
Սոոտկինը և Նելեն հյուղակի պատուհանից նայում էին փողոց։
― Սիրելի՛ս, մի տես որդիս՝ Ուլենշպիգելը չի՞ գալիս։
― Ոչ, ― ասում էր Նելեն, ― մենք նրան այլևս չենք տեսնի, այդ անպիտան թափառաշրջիկին։
― Նելե՛, ― ասում էր Սոոտկինը, ― չպետք է բարկանալ նրա վրա՝ այլ խղճալ, որովհետև խեղճ տղան անօթևան է թերևս։
― Հաստատ գիտեմ, ― ասում էր Նելեն, ― որ նա ունի մի ուրիշ տուն՝ այստեղից շատ հեռու, սրանից շատ ավելի հարուստ, որտեղ մի որևէ գեղեցիկ տիկին կացարան է տվել նրան անշուշտ։
― Շատ լավ կլիներ դա նրա համար, ― ասում էր Սոոտիկինը, ― գուցե և դրախտահավով է սնվում։
― Երանի թե քար տային ուտելու, ավելի շուտ կվերադառնար այդ անկուշտը, ― ասում էր Նելեն։
Այդ ժամանակ Սոոտկինը ծիծաղում էր և ասում․
― Անուշի՛կս, մի ասա, թե ի՞նչն է այդ քո սաստիկ բարկության պատճառը։
Այստեղ Կլաասը, որ բոլորովին մտախոհ էր և մի անկյունում խուրձեր էր կապում, ասաց․
― Մի՞թե չես տեսնում, որ ուշքը գնում է նրա համար։
― Տեսնո՞ւմ ես խորամանկ սատանային, որ մի խոսք անգամ չի ասել ինձ։ Ճի՞շտ է ջանի՛կս, որ սրտովդ է նա։
― Մի՛ հավատաք նրան, ― ասում էր Նելեն։
― Այդպիսով դու կունենաս, ― ասում էր Կլաասը, ― մի քաջասիրտ ամուսին՝ մեծ երախով, ծակ փորով և երկար լեզվով, մի ամուսին, որ կարող է ֆլորինները լիար դարձնել և իր աշխատանքով երբեք մի սու չվաստակել, որ շարունակ կմաշի սալահատակը և շրջմոլիկության կանգունով կչափի ճանապարհները։
Բայց Նելեն խիստ կարմրած ու բարկացած պատասխանեց․
― Իսկ ինչո՞ւ մի ուրիշ բան չդարձրիք նրան։
― Տեսա՞ր, արդեն լաց է լինում․ դե ձայնդ կտրիր, ա՛յ մարդ, ― ասաց Սոոտկինը։
LXII
Եվ ահա մի օր Ուլենշպիգելը հասավ Նյուրնբերգ և իրեն հայտարարեց հիվանդությունները հաղթող նշանավոր բժիշկ, հռչակավոր փոր մաքրող, տենդի անվանի զսպող, ժանտախտի երևելի ավլող և քոսի անպարտելի խարազանող։
Հիվանդանոցում այնքան հիվանդ կար, որ չգիտեին ուր տեղավորեն։ Հիվանդանոցի պետը իմանալով Ուլենշպիգելի ժամանումը՝ եկավ նրան տեսնելու և հարցրեց՝ ճի՞շտ է, որ նա կարող է ամեն տեսակ հիվանդություններ բուժել։
― Բացի վերջինից, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― բայց խոստացեք ինձ երկու հարյուր ֆլորին մյուս բոլոր հիվանդությունները բուժելու համար, և ես ոչ մի լիար չեմ ստանա, մինչև որ ձեր բոլոր հիվանդները չասեն, որ առողջացած են և դուրս չգան հիվանդանոցից։
Հաջորդ օրը նա գնաց այդ հիվանդանոցը՝ վստահ հայացքով և դոկտորի պես կզակը հանդիսավոր պահած։ Լինելով բոլոր սրահներում, ամեն մի հիվանդի տարավ մի կողմ և ասաց․
― Երդվիր, որ ոչ ոքի չես հայտնի այն, ինչ կասեմ քո ականջին։ Ի՞նչ հիվանդություն ունես։
Հիվանդն ասում էր և աստծու անունով երդվում, որ ձայն չի հանի։
― Հիմա իմացիր, ― ասում էր Ուլենշպիգելը, ― որ կրակի միջոցով ձեզնից մեկին ես պետք է մոխիր դարձնեմ և այդ փոշուց մի հրաշագործ դեղ պատրաստեմ և տամ բոլոր հիվանդներին՝ խմեն։ Կվառենք նրան, ով չկարողանա քայլել։ Վաղը ես կգամ այստեղ և հիվանդանոցի պետի հետ փողոցում կանգնած՝ ամենքիդ կկանչեմ, գոչելով․ «Ով որ հիվանդ չի՝ թող փասափուսեն հավաքի ու գա»։
Առավոտյան Ուլենշպիգելը եկավ և գոչեց, ինչպես որ ասել էր։ Բոլոր կաղ, կատառախտավոր, ջերմող հիվանդներն ուզեցին միասին դուրս գալ։ Ամենքն էլ փողոցումն էին, նույնիսկ նրանք, ովքեր տասը տարուց ի վեր անկողնուց վեր չէին ելել։
Հիվանդանոցի պետը հարցրեց, թե բուժվա՞ծ են, կա՞րող են քայլել։
― Այո, ― պատասխանեցին նրանք՝ հավատացած, որ կար մեկը, որին վառում էին բակում։
Այդ ժամանակ Ուլենշպիգելն ասաց հիվանդանոցի պետին․
― Տո՛ւր փողս, քանի որ ամենքն էլ դուրս են եկել և առողջացած են հայտարարում իրենց։
Պետը վճարեց երկու հարյուր ֆլորին, և Ուլենշպիգելը թողեց գնաց։
Հաջորդ օրը, սակայն, պետը տեսավ, որ իր հիվանդները վերադառնում են ավելի վատ վիճակում, քան մինչ այդ, բացի մեկից, որը թարմ օդ առնելով առողջացել էր․ սա էլ գտնվեց հարբած դրության մեջ՝ «Շա՜տ ապրի հռչակավոր բժիշկ Ուլենշպիգելը» փողոցներում երգելիս։
LXIII
Երկու հարյուր ֆլորիններն արդեն թրև էին գալիս դես ու դեն, երբ Ուլենշպիգելը եկավ Վիեննա և գործի մտավ մի սայլագործի մոտ, որը շարունակ կշտամբում էր իր բանվորներին, որովհետև սրանք բավական ուժգին չէին կարող փուքսերը քաշել։
― Հե՛յ, հե՛յ, ― գոռում էր նա, ― փուքսերը հասցրեք։
Մի օր, երբ սայլագործը գնում էր այգի, Ուլենշպիգելը պոկեց փուքսը, դրեց ուսին ու հետևեց իր տիրոջը։ Երբ տերը տեսավ Ուլենշպիգելին այդպիսի տարօրինակ ձևով բեռնված՝ Ուլենշպիգելը ասաց․
― Վարպե՛տ, դուք ինձ հրամայեցիք, որ փուքսերը հասցնեմ։ Ո՞ւր եք կարգադրում դնեմ սա, որ գնամ մյուսն էլ բերեմ։
― Սիրելի՛ս, ― պատասխանեց վարպետը, ― ես այդ չեմ ասել քեզ․ տար փուքսը տեղը դիր։
Բայց և այնպես նա մտքին դրեց այդ խաղի համար վրեժխնդիր լինել։ Դրանից հետո ամեն օր սկսեց կեսգիշերին վեր կենալ, արթնացնել բանվորներին և աշխատեցնել։
Բանվորներն ասացին․
― Վարպե՛տ, ինչո՞ւ ես կես գիշերին արթնացնում մեզ։
― Այդպիսի սովորություն ունեմ․ թույլ չեմ տալիս, որ իմ բանվորները առաջին յոթ օրը կես գիշերից ավելի մնան անկողնում, ― պատասխանեց վարպետը։
Հաջորդ օրն էլ կես գիշերին արթնացրեց բանվորներին։ Ուլենշպիգելը, որ ձեզնահարկում էր քնում, անկողինը գցեց շալակը և այդպես բեռնավորված իջավ դարբնոցը։
― Գիժ հո չես։ Ինչո՞ւ անկողինդ չես թողել իր տեղը, ― ասաց վարպետը։
― Այդպիսի սովորություն ունեմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― առաջին յոթ օրը գիշերվա կեսը անկողնիս վրա եմ անց կացնում, մյուս կեսը՝ անկողնու տակ։
― Դե լավ, ― վրա բերեց վարպետը, ― ես մի ուրիշ սովորություն էլ ունեմ․ իմ լիրբ բանվորներին փողոց եմ շպրտում՝ թույլ տալով, որ առաջին շաբաթն անցկացնեն սալահատակի վրա, երկրորդը՝ սալահատակի տակ։
― Ձեր նկուղում, վարպետ, եթե ոզում եք, գարեջրի տակառների մոտ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
LXIV
Սայլագործի մոտից հեռանալուց հետո Ֆլանդրիա վերադառնալիս նա ստիպված եղավ աշակերտ մտնել մի կոշկակարի մոտ, որը գերադասում էր մնալ փողոցում, քան թե հերյուն (բիզ) բանեցնել իր արհեստանոցում։ Ուլենշպիգելը տեսնելով, որ նա հարյուրերորդ անգամ պատրաստվում է դուրս գնալ՝ հարցրեց՝ թե ինչպես պետք է ինքը կաշվից երեսացու կտրի։
― Կտրի՛ր խոշոր և միջակ ոտքերի համար, ― ասաց վարպետը, ― որպեսզի թե՛ խոշոր, թե՛ մանր անասուն պահողները կարողանան հարմարվել այդ ոտնամաններին։
― Այդպես էլ կանեմ, վարպե՛տ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Երբ կոշկակարը դուրս եկավ, Ուլենշպիգելն սկսեց երեսացուներ կտրել, որոնք պիտանի էին միայն զամբիկների, մատակ էշերի, երինջների, մատակ խոզերի ու մաքիների ոտքերի համար։
Արհեստանոց վերադառնալով տերը տեսավ կաշին կտոր֊կտոր արված և գոռաց․
― Այդ ի՞նչ ես արել, լի՛րբ անպիտան։
― Ինչ որ պատվիրեցիր անել, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ես քեզ պատվիրեցի, ― վրա բերեց վարպետը, ― կաշին այնպես ձևես, որ հարմարվի թե՛ եզ, թե՛ խոզ, թե՛ ոչխար պահողի ոտքերին, իսկ դու կոշիկ ես պատրաստում անասունների ոտքերի համար։
― Վարպե՛տ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― էլ ո՞ւմ է հարմարվում վարազը՝ եթե ոչ մատակ խոզին, էշը՝ մատակ իշուն, ցուլը՝ երինջին, խոյը՝ մաքիին տարվա այն եղանակին, երբ բոլոր անասունները սիրահարվում են։
Դրանից հետո նա հեռացավ և մնաց անօթևան։
LXV
Ապրիլ ամիսն էր, օդը՝ մեղմ, հաճելի, հետո խիստ ցուրտ արավ և երկինքը գորշացավ, ինչպես մեռելոցի օրվա երկինք։ Ուլենշպիգելի տարագրության երրորդ տարին վաղուց էր անցել, և Նելեն ամեն օր սպասում էր իր բարեկամին։
«Ափսո՜ս, ― մտորում էր նա, ― ձյուն է գալու տանձենիների, ծաղկած հասմիկների և այն բոլոր թշվառ ծաղիկների վրա, որոնք վաղահաս գարնան մեղմ տաքությանը վստահելով՝ փթթել են։ Արդեն մանր փաթիլներ են թափվում երկնքից ճանապարհների վրա։ Ձյուն է մաղում և իմ անբախտ սրտի վրա։ Ո՞ւր են այն պայծառ շողերը, որ խաղ էին անում զվարթ դեմքերի վրա, տանիքների վրա, որոնք է՛լ ավելի էին կարմրացնում, պատուհանների ապակիների վրա, որոնք բոցավառում էին։ Ո՞ւր են նրանք, որ տաքացնում էին երկինքն ու երկիրը, թռչունին ու միջատին։ Ավա՜ղ, հիմա ես գիշեր քերեկ մրսում եմ տխրությունից և երկար սպասումից։ Ո՞ւր ես դու, ընկե՛ր իմ, Ուլենշպիգել»։
LVI
Ուլենշպիգելը մոտենալով Ֆլանդրիայի Ռընե քաղաքին՝ քաղցած էր և ծարավ։ Բայց նա չէր նվում, այլ ջանում էր ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի բան տան ուտի։ Այնուամենայնիվ չէր կարողանում լավ ծիծաղելնել, և մարդիկ անցնում էին առանց բան տալու։
Ցուրտ էր, ձյունը, անձրևը, կարկուտը հերթով թափվում էին թափառականի գլխին։ Գյուղերից անցնելիս թուքը բերանն էր լցվում, երբ տեսնում էր, որ շունը պատի մոտ մի անկյունը քաշված ոսկոր է կրծում։ Շատ կուզենար մի ֆլորին վաստակել, բայց չգիտեր, թե ինչպես կարող էր ընկնել իր կախքսակի մեջ։
Վերևում նա տեսնում էր աղավնիներ, որոնք աղավնատան տանիքից սպիտակ բաներ էին սփռում ճանապարհի վրա, բայց դրանք ֆլորիններ չէին։ Փնտրում էր ներքևը՝ խճուղիների վրա, բայց ֆլորինները սալաքարերի արանքում չէին բուսնում։
Աջ կողմը փնտրելիս՝ նա տեսնում էր որևէ չարագուշակ ամպ, որ խոշոր ցնցուղի պես առաջանում էր երկնքով․ բայց նա գիտեր, որ եթե այդ ամպից որևէ բան պետք է թափվեր, ապա դա ամենևին էլ ֆլորինների տարափ չէր լինի։ Ձախ կողմը փնտրելիս՝ նա տեսնում էր հնդկական մի խոշոր, անպիտան շագանակենի, որ պարապ֊սարապ ցցվել էր այդտեղ։ «Ափսո՜ս, ― մտածում էր նա, ― աշխարհումս ինչո՞ւ ֆլորենիներ չկան։ Ի՜նչ գեղեցիկ ծառեր կլինեին»։
Հանկարծ մեծ ամպը պայթեց, և կարկուտի հատիկներն սկսեցին խճի նման ուժգնակի թափվել Ուլենշպիգելի ուսերին։ «Ավա՜ղ, ― ասաց նա, ― քարը միայն անտեր թափառական շներին են խփում»։ Նա վազում էր ու մտորում․ «Ամենևին էլ իմ հանցանքը չէ, որ պալատ կամ նույնիսկ վրան չունեմ իմ վտիտ մարմնի համար ապաստան դարձնելու։ Օ՜, դաժան կարկտի հատիկներ, ռումբի պես կարծր են։ Ոչ, իմ մեղքը չէ, որ ցնցոտիներս ման եմ ածում աշխարհում, դրա պատճառն այն է, որ այդ դուր եկավ ինձ։ Ինչո՞ւ կայսր չեմ ես։ Այս կարկտի հատիկները զոռով ուզում են մտնել ականջներիս մեջ, ինչպես վատ խոսքեր»։ Եվ շարունակում էր վազել։ Խե՜ղճ քիթ, շուտով դու այնքան կծակծկվես, որ պղպեղաման կդառնաս աշխարհիս մեծամեծների խնջույքներում, որոնց վրա ամենևին կարկուտ չի տեղում»։ Ապա սրբելով այտերը՝ որոշեց, որ դրանք կարող են քափկիրի տեղ ծառայել խահարարներին, որոնք շոգում են իրենց փռերի մոտ։ «Ա՜խ, ― հիշեց նա երբեմնի սոուսները։ ― Քաղցած եմ։ Դատա՛րկ փոր, մի՛ տրտնջա․ ցավատա՛նջ աղիքներ բավական է կռկռաք։ Ո՞ւր ես թաքնված, բարեհաջո՛ղ բախտ, տար ինձ այնտեղ, ուր արոտ կա»։
Երբ նա խոսում էր այսպես ինքն իր հետ՝ երկինքը պարզվեց, արևը փայլեց, կարկուտը դադարեց, և Ուլենշպիգելը ասաց․
― Բարև՛ քեզ, արև՛, իմ միակ բարեկամ, որ եկար ինձ չորացնելու։
Բայց որովհետև մրսում էր՝ ապա շարունակում էր վազել։ Հանկարծ նա տեսավ հեռվում, ճանապարհի վրա մի սև֊ճերմակ շուն, որ լեզուն կախած, աչքերը դուրս պրծած վազում է ուղիղ իր կողմը։
― Այս անասունը կատաղած է երևում, ― մտածեց նա։ ― Եվ շտապ մի խոշոր քար վերցնելով բարձրացավ մի ծառի վրա։ Երբ նա առաջին ճյուղին էր հասել՝ շունն անցավ, և Ուլենշպիգելը քարը շպրտեց նրա գանգին։ Շունը կանգ առավ և տխուր անզոր կերպով ուզեց բարձրանալ ծառը՝ Ուլենշպիգելին կծելու, բայց չկարողացավ և ընկավ ու սատկեց։
Ուլենշպիգելը չուրախացավ դրանից, առավել ևս, որ իջնելով նկատեց, որ շան երախը չոր չէր, ինչպես սովորաբար լինում է կատաղության ցավով բռնված շների լեզուն։ Ապա զննելով նրա մորթը տեսավ, որ գեղեցիկ էր և ծախելու հարմար, ուստի քերթեց, լվաց, կախեց իր տեգից, թողեց, որ մի քիչ արևի տակ չորանա․ ապա դրեց մախաղի մեջ։
Քաղցն ու ծարավը գնալով ավելի էին տանջում նրան․ նա մտավ բազմաթիվ գեղջկական տներ, բայց չհամարձակվեց իր մորթին ծախել՝ վախենալով, որ դա կարող էր այդ գյուղացուն պատկանած շան մորթին լինել։ Հաց խնդրեց, մերժեցին։ Գիշերն իջնում էր, ոտքերը ուժասպառ էին եղել։ Նա մտավ մի փոքրիկ պանդոկ֊իջևան և տեսավ մի պառավ տիրուհի, որ շոյում էր իր ծերացած, հազացող շան․ այդ շան մորթը նման էր իր սպանածի մորթուն։
― Որտեղի՞ց ես գալիս, ճամփորդ, ― հարցրեց պառավ պանդոկապանուհին։
― Հռոմից եմ գալիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը․ ― այնտեղ բժշկեցի պապի շունը խորխացավից, որ սաստիկ նեղում էր նրան։
― Ուրեմն դու տեսե՞լ ես պապին, ― ասաց պառավը՝ մի գավ գարեջուր լցնելով նրան։
― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը՝ դատարկելով գավը, ― ինձ թույլ տրվեց միայն համբուրել նրա օծված ոտքը և սրբազան հողաթափը։
Այդ միջոցին պանդոկապանուհու ծեր շունը հազում էր, բայց չէր թքում։
― Այդ ե՞րբ ես համբուրել, ― հարցրեց պառավը։
― Անցած չէ մյուս ամսին, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― հասա այնտեղ, տեսա ինձ սպասում են, և բախեցի դուռը։ «Ո՞վ է», ― հարցրեց Նորին սուրբ սրբազանության գերկարդինալական, գերգաղտնի, գերարտակարգ սենեկապանը։ «Ես եմ, ― պատասխանեցի, ― սրբազա՛ն կարդինալ, եկել եմ Ֆլանդրիայից հատկապես պապի ոտքը համբուրելու և նրա շանը խորխացավից բուժելու համար»։ ― «Ա՛, այդ դո՞ւ ես, Ուլենշպիգել, ― ասաց պապը՝ փոքրիկ դռան հետևից։ Ես շատ ուրախ կլինեի քեզ տեսնելով, բայց դա հիմա անկարելի է։ Սրբազան կոնդակներն ինձ արգելում են ցույց տալ օտարերկրացիներին իմ դեմքը, երբ սուրբ ածելին շարժվում է նրա վրա»։ «Ավա՜ղ, ― ասացի, ― ինչքա՜ն տարաբախտ եմ ես, քանի որ գալիս եմ այնքան հեռավոր երկրներից՝ համբուրելու ձերդ սրբազանության ոտքը և բժշկելու ձեր շանը խորխացավից։ Վերադառնամ, ուրեմն, առանց բավարարվելո՞ւ»։ «Ոչ», ― ասաց սուրբ հայրը։ Ապա լսեցի, որ նա ասաց․ «Արքիսենեկապե՛տ, սահեցրեք իմ բազկաթոռը մինչև դուռը և բաց արեք ներքևի դռնակը»։ Այդպես էլ նա արեց։ Մեկ էլ տեսա, որ դռնակից դուրս ցցվեց մի ոտք՝ ոսկեզօծ մաշիկով, ապա լսեցի մի որոտանման ձայն, որ ասում էր․ «Սա ահարկու ոտքն է իշխանների իշխանի, արքաների արքայի, կայսրերի կայսեր։ Համբուրի՛ր քրիստոնյա՛, համբուրիր սուրբ մաշիկը»։ Ես համբուրեցի սուրբ մաշիկը, և իմ քիթը պարուրվեց մի երկնային անուշահոտությամբ, որ հառնում էր այդ ոտքից։ Ապա դռնակը փակվեց և նույն ահարկու ձայնն ասաց, որ սպասեմ։ Դռնակը նորից բացվեց և այդտեղից դուրս եկավ, ամոթ է ասել, մի անասուն՝ մազերը թափած, ճպռոտ, հազացող, տկի պես ուռած․ նա փորի խոշորության պատճառով ստիպված էր թաթերը հեռու֊հեռու դնել։
Սուրբ հայրը բարեհաճեց նորից խոսելու ինձ հետ․ «Ուլենշպի՛գել, ― ասաց նա, ― դա իմ շունն է, նա տանջվում է խորխացավից և այլ հիվանդություններից՝ հերետիկոսների պոկոտված ոսկորները կրծելու պատճառով։ Բժշկի՛ր նրան, որդյա՛կս, դրա համար վարձահատույց կլինեմ»։
― Խմի՛ր, ― ասաց պառավը։
― Լցրո՛ւ, ― հարեց Ուլենշպիգելը՝ շարունակելով իր պատմությունը, ― շանը մաքրադեղ տվի՝ մի հրաշագործ խմիչք, որ ես էի պատրաստել։ Դրա վրա երեք օր, երեք գիշեր շունն անդադար միզեց և լավացավ։
― Տե՜ր, Հիսուս և Մարիամ, ― գոչեց պառավը, ― եկ մի համբուրեմ քեզ, փառավորյալ ուխտավոր, որ տեսել ես պապին և կարող ես բուժել և իմ շանը։
Բայց Ուլենշպիգելը, որին պառավի համբյուրները չէին հրապուրում ասաց․
― Նրանք, որոնց շրթները դիպել են սուրբ մաշկին, երկու տարի չեն կարող ոչ մի կնոջից համբույր ընդունել։ Ամենից առաջ ընթրելու բան տուր՝ մի քանի կտոր խորոված միս, մեկ կամ երկու երշիկ և բավականաչափ գարեջուր, որից հետո շանդ ձայնը այնպես հստակեցնեմ, որ նա կարողանա բարձր նոտայով «Ողջույն քեզ, Մարիամ» երգել մեծ եկեղեցու միջնաբեմից։
― Երանի թե ասածդ ճիշտ լիներ, ― հեծեծեց պառավը, ― ես քեզ մի ֆլորին կտայի։
― Կտեսնես, որ ճիշտ է, ― ասաց Ուլենշպիգելը, ― միայն թե ընթրիքից հետո։
Պառավը բերեց այն ամենը, ինչ որ նա խնդրել էր։ Ուլենշպիգելը կերավ և կուշտ խմեց․ նա հաճությամբ կհամբուրեր պառավին, որպես որկորի շնորհակալություն, եթե արգելք խոսք ասած չլիներ։
Երբ նա ուտում էր, ծերացած շունը թաթերը դնում էր նրա ծնկներին՝ ոսկոր ստանալու։ Ուլենշպիգելը բոլոր ոսկորները տվեց նրան, ապա ասաց պանդոկապանուհուն․
― Եթե որևէ մեկը ճաշեր այստեղ և փողը չտար՝ ի՞նչ կանեիր։
― Կհանեի այդ ավազակի ամենալավ հագուստը, ― պատասխանեց պառավը։
― Շատ լավ, ― վրա բերեց Ուլենշպիգելը, ապա շանը դրեց թևի տակ և մտավ ախոռը։ Շանը մի ոսկոր տալով և փակելով այնտեղ՝ իր մախաղից հանեց սատկածի մորթին, վերադարձավ պառավի մոտ և հարցրեց, թե նա չէ՞ր ասել, որ ճաշի փողը չվճարողից կհանի ամենալավ հագուստը։
― Այո, ― հաստատեց պառավը։
― Դե լավ, քո շունը ճաշեց ինձ հետ և փողս չտվեց․ ես էլ հետևելով քո խրատին՝ հանեցի նրա ամենալավ և միակ հագուստը։
Եվ ցույց տվեց սատկած շան մորթին։
― Վա՜խ, ― գոչեց պառավը արտասվելով, ― ի՜նչ անսիրտ բան ես արել, պարո՛ն բժիշկ։ Խե՜ղճ շնիկ․ նա ինձ համար, այրի կնոջս համար հարազատ երեխա էր։ Ինչո՞ւ խլեցիր աշխարհումս ունեցած իմ միակ ընկերոջը։ Հիմա արդեն կարող եմ մեռնել։
― Ես հարություն կտամ նրան, ― ասաց Ուլենշպիգելը։
― Հարությո՜ւն կտա՞ս, ― գոչեց պառավը։ Եվ նա դարձյա՜լ ինձ կգուրգուրի՞, ինձ կնայի, կլիզի, կպտտվի՝ թափահարելով իր պառաված պոչի ծայրը։ Հարություն տվեք, պարո՛ն բժիշկ, և մի ձրի ճաշ կստանաք, մի թանկարժեք ճաշ, բացի դրանից՝ մի ֆլորին կտամ իմ խոստացածից զատ։
― Հարություն կտամ, ― ասաց Ուլենշպիգելը, ― միայն թե ինձ պետք է տաք ջուր, օշարակ՝ կարերը փակցնելու համար, թել֊ասեղ և տապակածի սոուս․ և ես պետք է միայնակ լինեմ վիրահատության ժամանակ։
Պառավը տվեց նրա ուզածները․ նա վերցրեց սատկած շան մորթին և գնաց ախոռը։
Այդտեղ նա սոուսը քսեց պառաված շան դնչին, որն ուրախությամբ թողեց քսի, ապա օշարակով մի լայն գիծ քաշեց փորի տակ, մի քիչ էլ օշարակից քսեց թաթի ծայրերին, իսկ սուսից՝ պոչին։
Դրանից հետո երեք անգամ բարձրաձայն աղաղակեց՝ ասելով․ Staet op! staet op! ik't bevel, woilen hond[16]․․․
Ապա սատկած շան մորթին արագ մախաղի մեջ դնելով մի ուժգին քացի պարգևեց կենդանի շանը և այդ ձևով նրան թռցրեց պանդոկի սրահը։
Պառավը տեսնելով, որ իր շունը կենդանի է և լիզում է ինքն իրեն՝ ուզեց մի լավ գրկել նրան, բայց Ուլենշպիգելը թույլ չտվեց։
― Չպետք է գուրգուրես այս շանը, քանի դեռ իր լեզվով չի լիզել ամբողջ օշարակը, որով օծված է․ այդ ժամանակ միայն մաշկի կարերը կփակվեն։ Հիմա տուր իմ տասը ֆլորինը։
― Չէ՞ որ ես մեկ էի ասել, ― ասաց պառավը։
― Մեկը վիրահատության համար, ինն էլ հարության համար, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Պառավը վճարեց։ Ուլենշպիգելը հանեց սատկած շան կաշին ու նետելով պանդոկի հատակին՝ ասաց․
― Ա՛ռ, պահիր նրա հին կաշին․ կարող է դա քեզ պետք լինի․ սրանով կկարկատես նորը, երբ մաշվի կամ ծակծկվի։
LXVII
Այդ կիրակի Բրյուգգեում Սուրբ Արյան տոնի թափոորն էր։ Կլաասն ասաց իր կնոջն ու Նելեին, որ գնան այնտեղ և տեսնեն՝ գուցե Ուլենշպիգելը քաղաքումն է։ Իսկ ես, ասաց կպահպանեմ խրճիթը՝ սպասելով, որ մեր ուխտավորը վերադառնա։
Կանայք մեկնեցին, իսկ Կլաասը մնալով Դամմեում նստեց դռան շեմին և հասկացավ, որ քաղաքը դատարկ է։ Ոչ մի բան չէր լսում նա, բացի գյուղական մի զանգի բյուրեղաձայն հնչյունից, մինչդեռ Բրյուգգեից հորձանք առ հորձանք հասնում էին միախառն ղողանջներ և ի պատիվ Սուրբ Արյան արձակված հրասանդների ու հռավարության ժխորը։
Կլաասը մտքերի մեջ թաղված՝ աչքերը ման էր ածում ճանապարհների վրա և ոչինչ չէր տեսնում, բացի ջինջ, կապուտակ ու անամպ երկնքից, մի քանի շուն արևի տակ պառկած՝ լեզուները դուրս էին գցել․ ազատ֊անկաշկանդ ճնճղուկները ճլվլալով թավալվում էին փոշու մեջ, մի կատու դարանակալ հսկում էր նրանց․ լույսը բարեկամաբար մտնում էր տները և այնտեղ դարակների վրա փայլեցնում պղնձե կաթսաներն ու անագե գավերը։
Բայց Կլաասը տխուր էր այդ ուրախության մեջ և իր որդուն էր փնտրում․ աշխատում էր նրան տեսնել մարգագետինների գորշ մշուշի հետևը, լսել նրա ձայնը տերևների զվարթ սոսափյունի և ծառերի վրա խռնված թռչունների ուրախ համերգի մեջ։ Հանկարծ Մայլդեգեմից եկող ճանապարհի վրա նա տեսավ մի բարձրահասակ մարդ, բայց նկատեց, որ Ուլենշպիգելը չէ դա։ Ապա տեսավ, որ նա կանգ առավ գազարի մի արտի եզրին և սկսեց ագահորեն ուտել այդ բանջարեղենից։
― Ահա մի մարդ, որ սաստիկ քաղցած է, ― ասաց Կլաասը։
Մի րոպե նրան աչքից կորցրեց, բայց դարձյալ տեսավ Արագիլի փողոցի անկյունում և ճանաչեց Յոսեի լրաբերին, որը բերել էր յոթ հարյուր ոսկի կառոլուսը։ Կլաասը գնաց նրան ընդառաջ և ասաց․
― Ներս հրամմե։
― Օրհնյալ լինեն նրանք, որ բարեհամբյուր են թափառական ճամբորդի նկատմամբ, ― պատասխանեց մարդը։
Հյուղակի պատուհանի դրսի գոգում հացի փշրանք կար, որ Սոոտկինը շաղ էր տալիս շրջակայքի թռչնիկների համար։ Ձմեռը նրանք այդտեղ էին գալիս սնունդ որոնելու։ Մարդն այդ փշրանքներից մի քանիսը վերցրեց ու կերավ։
― Քաղցած ես ու ծարավ, ― ասաց Կլաասը։
Մարդը պատասխանեց․
― Ութ օր առաջ ավազակները ամբողջովին մաքրեցին ինձ, այդ օրվանից սկսած սնվում եմ դաշտերից գազար հավաքելով, անտառներից արմատներ հանելով։
― Ուրեմն սեղան նստելու ճիշտ ժամանակն է, ― ասաց Կլաասը և պահարանը բանալով ավելացրեց․ ― ահա մի աման լիքը բակլա, հավվկիթ, երշիկ, ապուխտ, Գենտի բարակ երշիկ, waterzoey՝ ձկան բորանի։ Ներքևը՝ նկուղում մրափում է Լյուվենի գինին, որ պատրաստված է բուրգունդականի ձևով, սուտակի վրա կարմիր ու պայծառ․ մի բան է միայն խնդրում նա՝ բաժակների արթնանալը։ Հապա մի այս ցախերի խուրձն էլ գցենք օջախը։ Լսո՞ւմ ես, թե ինչպես են երշիկները երգում կասկարայի վրա։ Դա լավ ուտելիքի երգն է։
Կլաասը երշիկները պտտեցնելով, շուռ ու մուռ տալով՝ ասաց հյուրին․
― Որդուս՝ Ուլենշպիգելին չե՞ս տեսել։
― Ոչ, ― պատասխանեց նա։
― Եղբայր Յոսեից որևէ լուր բերե՞լ ես, ― հարցրեց Կլաասը՝ սեղանի վրա դնելով խորոված երշիկները, յուղալի խոզապուխտով պատրաստված ձվածեղ, պանիր, շշերի միջից փայլող Լյուվենի կարմիր ու պայծառ գինի և խոշոր գավեր։
Մարդն ասաց․
― Եղբայրդ՝ Յոսեն մեռել է անվամահ այրվելով Զիպենակենում՝ Էքսի (Աախեն) մոտ։ Դրա պատճառն այն է, որ հերետիկոս լինելով զենք էր վերցրել կայսեր դեմ։
Կլաասը համարյա ցնորվեց և անսահման զայրույթից ամբողջ մարմնով դողալով ասաց․
― Զազրելի՜ դահիճնե՜ր։ Յոսե՛, խե՜ղճ եղբայր։
Այդ ժամանակ մարդը խստությամբ ասաց․
― Մեր ուրախություններն ու վշտերը այս աշխարհից չեն։ ― Եվ սկսեց ուտել։ Ապա ասաց․
― Ես այցելեցի եղբորդ՝ բանտում, ներկայանալով որպես Նիսվիլեր գյուղացի՝ նրա ազգականներից մեկը։ Եկել եմ այստեղ, որովհետև նա ինձ ասաց․ «Եթե դու էլ ինձ պես չմեռնես հավատքի համար՝ գնա Կլաաս եղբորս մոտ․ պատվիրիր նրան ապրել աստուծո խաղաղության մեջ՝ գթասիրության գործեր կատարելով, իր որդուն գաղտնաբար դաստիրակելով Քրիստոսի օրենքով։ Այն փողը, որ ես տվել եմ նրան, վերցրել եմ խեղճ, տգետ ժողովրդից, թո՛ղ դա գործ ածի Թիլին աստուծո ուսմունքով ու խոսքով դաստիրակելու համար։
Այս խոսքի վրա համբավաբերը խաղաղության համբյուր տվեց Կլաասին։
Իսկ Կլաասը ողբում էր ու ասում․
― Անվամահ այրվա՜ծ, խե՜ղճ եղբայր։
Նա չէր կարողանում ուշքի գալ ծանր կսկիծից։ Այնուամենայնիվ երբ տեսավ, որ մարդը ծարավ է և պարզում է իր բաժակը՝ գինի լցրեց նրան, բայց ինքը կերավ ու խմեց առանց հաճույքի։
Սոոտկինն ու Նելեն յոթ օր բացակայեցին․ այդ շաբաթվա ընթացքում Յոսեի համբավաբերը ապրեց Կլաասի տանիքի տակ։
Ամեն գիշեր նրանք լսում էին հարևան տնակից Կատլինի ողբն ու ճիչը։
«Կրա՜կը, կրա՜կը։ Մի ծակ փորեցեք՝ հոգին ուզում է դուրս գալ»։
Եվ Կլաասը գնում էր նրա մոտ, քաղցր խոսքերով հանգստացնում նրան, ապա վերադառնում իր կացարանը։
Յոթ օր հետո մարդը մեկնեց և Կլաասից համաձայնեց վերցնել միայն երկու ոսկի կառոլուս՝ ճանապարհին սնվելու և հագնվելու համար։
LVIII
Նելեն ու Սոոտկինը վերադարձել էին Բրյուգգեից․ Կլաասը դերձակի նման նստած խոհանոցի հատակին՝ մի հին վարտիքի կոճակներն էր կարում։ Նրա մոտ էր Նելեն, որ Տիտոս Բիգոլուս Շնուֆիուսին քըս֊քըս էր անում արագիլի դեմ․ շունն էլ հարձակվելով արագիլի վրա և փոխնիփոխ նահանջելով՝ սուր ձայնով հաչում էր։ Արագիլը մի ոտքի վրա կանգնած՝ խոժոռադեմ և մտածկոտ նայում էր նրան և երկար պարանոցը մտցնում լանջի փետուրների մեջ։ Տիտոս Բիգուլոս Շնուֆիուսը տեսնելով, որ արագիլն անվրդով է՝ ավելի մոլեգնորեն էր հաչում։ Բայց հանկարծ թռչունը ձանձրանալով այդ երաժշտությունից՝ կտուցը նետի պես խփեց շան կռնակին, որը թողեց փախավ վայնասունով, որ նշանակում էր՝ «Օգնեցե՜ք»։
Կլաասը ծիծաղում էր, նույնպես և Նելեն, իսկ Սոոտկինը շարունակ նայում էր փողոց՝ արդյոք չի՞ գալիս Ուլենշպիգելը։
Հանկարծ նա ասաց․
― Ահա դատավորը՝ չորս ոստիկանի հետ։ Անշուշտ մեզ մոտ չէ, որ ուզում են գալ։ Երկուսը պտտվում են խրճիթի շուրջը։
Կլաասը գլուխը բարձրացրեց ձեռքի աշխատանքից․․․
― Երկուսն էլ կանգ առան մեր դռան դեմ, ― շարունակեց Սոոտկինը։
Կլաասը վեր կացավ։
― Ո՞ւմ կարող են ձերբակալել այս փողոցում, ― ասաց Սոոտկինը։ ― Հիսո՜ւս Քրիստոս, ա՛յ մարդ, այստեղ են գալիս։
Կլաասը խոհանոցից ցատկեց այգին, Նելեն էլ հետևից։
― Փրկիր կառոլուսները, բուխարու ստորին ներքնախորշի հետևն են, ― ասաց Կլաասը աղջկան։
Նելեն հասկացավ, ապա տեսավ, թե ինչպես, երբ Կլաասը ցանկապատից ուզում էր անցնել, ոստիկանները բռնեցին նրա օձիգից, և թե ինչպես ազատվելու համար Կլաասն սկսեց խփել նրանց, և նա ճչաց ու լաց եղավ․
― Անմե՜ղ է նա, անմե՜ղ է նա, մի՛ վնասեք իմ Կլաաս հայրիկին։ Ուլենշպի՛գել, ո՞ւր ես։ Երկուսին էլ կսպանեիր դու։
Եվ հարձակվելով ոստիկաններից մեկի վրա՝ եղունգներով պատառոտեց նրա դեմքը։ Ապա ճչալով «Դրանք կսպանե՜ն նրան՝ ընկավ այգու դալարիքի վրա և ուշագնաց փռվեց այդտեղ։
Աղմուկը լսելով եկել էր Կատլինը և ուղղաձիգ ու անշարժ կանգնած՝ դիտում էր այդ տեսարանը, օրորում գլուխը՝ ասելով․ «Կրա՜կը, կրա՜կը։ Մի ծակ փորեցեք՝ հոգին ուզում է դուրս գալ»։
Սոոտկինը ոչինչ չէր տեսել և ներս մտած ոստիկաններին դիմելով հարցրեց․
― Պարոննե՛ր, ի՞նչ եք փնտրում մեր խղճուկ կացարանում։ Եթե որդուս եք փնտրում՝ հեռու է։ Այդքան երկար չեն ձեր ոտքերը։
Ուրախ֊ուրախ էր ասում այս խոսքերը։
Այդ րոպեին Նելեն օգնության կանչեց, և Սոոտկինը վազեց այգին, տեսավ իր մարդուն օձիքից բռնված և ցանկապատի մոտ՝ ճանապարհի վրա պայքարելիս։
― Զա՛րկ, ― ասաց նա, ― սպանի՛ր։ Ուլենշպի՛գել, ո՞ւր ես դու։
Եվ նա ուզեց առաջանալ՝ օգնելու ամուսնուն, սակայն ոստիկաններից մեկը բռնեց նրա իրանից՝ ոչ առանց վտանգվելու վախի։
Կլաասն այնպես ուժգին էր դիմադրում ու խփում, որ անպայման կկարողանար փախչել, եթե մյուս երկու ոստիկանները, որոնց հետ խոսում էր Սոոտկինը օգնության չհասնեին Կլաասին կաշկանդողներին։
Նրանք Կլաասի ձեռքերը կապած բերին խոհանոց, ուր Սոոտկինն ու Նելեն աղեկտուր լալիս էին։
― Պարո՛ն դատավոր, ― ասաց Սոոտկինը, ― ի՞նչ է արել իմ խեղճ մարդը, որ այդպես պարանով կապկպել եք։
― Հերետիկոս է, ― ասաց ոստիկաններից մեկը։
― Հերետիկո՞ս, ― գոչեց Սոոտկինը, ― հերետիկո՞ս ես դու։ Ոչ, ստում են այս դևերը։
Կլաասն ասաց․
― Ապավինում եմ աստծու պաշտպանության։
Եվ դուրս եկավ։ Նելեն ու Սոոտկինը հետևեցին նրան լալով ու կարծելով, որ նրանց էլ կտանեն դատավորի մոտ։ Զանազան ծեր բարի տղամարդիկ ու կանայք մոտեցան Նելեին ու Սոոտկինին, բայց երբ իմացան, որ Կլաասն այդպես կապկպված տարվում է՝ որովհետև հերետիկոսության մեջ են նրան կասկածում՝ այնքան սաստիկ վախեցան, որ շտապ մտան իրենց տները ու փակեցին իրենց հետևից բոլոր դռները։ Միայն մի քանի փոքրիկ աղջիկ համարձակվեցին մոտենալ Կլաասին և հարցրին․
― Ածխավաճա՛ռ, ո՞ւր ես գնում այդպես կապկված։
― Աստծու ողորմության մոտ, աղջիկնե՛ր, ― պատասխանեց նա։
Նրան տարան համայնքի բանտը․ Սոոտկինն ու Նելեն նստեցին շեմին։ Իրիկնապահին Սոոտկինն ասաց Նելեին, որ գնա տեսնի Ուլենշպիգելը չի՞ եկել։
LXIX
Մոտակա գյուղերում շուտով լուր տարածվեց, որ հերետիկոսության պատճառով բանտարկել են մի մարդու և հարցաքննությունը վարում է Ռընեի դեկան ինկվիզիտոր Տիտելմանը՝ մականվանյալ Անխիղճ ինկվիզիտոր։ Ուլենշպիգելն այդ ժամանակ ապրում էր Կոոլկերկեում՝ վայելելով սերտ բարեկամությունը մի գողտրիկ ագարակապանուհու, որ անուշիկ մի այրի էր և իրեն պատկանող ոչ մի բան չէր մերժում նրան։ Ուլենշպիգելը խիստ երջանիկ էր, գուրգուրված և շոյված՝ մինչև այն օրը, երբ մի նենգ ախոյան՝ համայնքի ավագը սպասեց մի առավոտ նրան, երբ նա դուրս էր գալիս գինետնից, և ուզեց կաղնե մահակով շփել նրա մարմինը։ Բայց Ուլենշպիգելը նրա բարկությունը հովացնելու համար շպրտեց ջրափոսի մեջ, որտեղից ավագը մի կերպ դուրս եկավ՝ դոդոշի պես կանաչ և սպունգի պես թրջված։
Այս վսեմ արարքի պատճառով Ուլենշպիգելը ստիպված եղավ հեռանալ Կոոլկերկեից և ոտքերն ամենայն արագությամբ փոխելով դիմեց դեպի Դամմե՝ վախենալով ավագի վրեժխնդրությունից։
Իջնում էր զով երեկոն, Ուլենշպիգելն արագ վազում էր․ նա կուզենար հիմա տանը լինել․ մտքով տեսնում էր Նելեին կար անելիս, Սոոտկինին՝ ընթրիք պատրաստելիս, Կլաասին խռիվի խուրձեր կապելիս, Շնուֆիուսին՝ ոսկոր կրծելով զբաղված, իսկ արագիլին՝ իրեն կեր տվող տնտեսուհու փորը կտցահարելիս՝ մի քիչ ուտելիք ստանալու համար։
Մի շրջիկ մանրավաճառ հարցրեց նրան․
Ո՞ւր ես գնում այդպես արագ։
― Դամմե՝ տունս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Քաղաքն անապահով է ռեֆորմիստներին ձերբակալելու պատճառով, ― ասաց մանրավաճառը։ Եվ անցավ գնաց։
Երբ Ուելնշպիգելը հասավ Roode Schildt[17] պանդոկին, ներս մտավ մի գավ գարեջուր խմելու։ Պանդոկապանը հարցրեց նրան․
― Կլաասի տղան չե՞ս դու։
― Այո, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Դե՛ շտապիր, որովհետև դժբախտություն է պատահել նրան։
Ուլենշպիգելը հարցրեց, թե ինչ է ուզում ասել դրանով, պանդոկապանը պատասխանեց, թե շատ շուտով կիմանա։
Եվ Ուլենշպիգելը շարունակեց վազել։
Երբ հասավ Դամմեի դարպասին՝ դռան շեմերին կանգնած շները կաղկանձելով ու հաչելով սկսեցին ցատկել նրա ոտքերն ի վեր։ Տանտիկինները այդ աղմուկի վրա դուրս եկան և բոլորը միասին խոսելով հարցրին․
― Որտեղի՞ց ես գալիս։ Հորիցդ լուր ունե՞ս։ Ո՞ւր է մայրդ։ Նա՞ էլ հորդ հետ բանտումն է։ Տե՜ր աստված, խարույկի չհասցնեն խեղճին։
Ուլենշպիգելն ավելի ուժգին սկսեց վազել։
Նա հանդիպեց Նելեին․ Նելեն ասաց նրան․
― Թի՛լ, մի՛ գնա տուն․ քաղաքի իշխանությունը պահակ է նշանակել այնտեղ Նորին վսեմության անունից։
Ուլենշպիգելը կանգ առավ։
― Նելե՛, ճի՞շտ է, որ հայրս՝ Կլաասը բանտումն է։
― Այո, ― ասաց Նելեն, ― և Սոոտկինը լաց է լինում շեմի վրա։
Այդ ժամանակ անառակ որդու սիրտը լցվեց կսկիծով և նա ասաց Նելեին․
― Գնում եմ նրան տեսնելու։
― Այդ չէ, որ դու պետք է անես, ― ասաց Նելեն, ― այլ պետք է հնազանդվես Կլաասին, որ բռնվելուց առաջ ինձ ասաց․ «Փրկիր կառոլուսները, բուխարու ստորին ներքնախորշի հետևն են»։ Ամենից առաջ դրանք պետք է փրկել, որովհետև դա խեղճ մայրիկի՝ Սոոտկինի ժառանգությունն է։
Ուլենշպիգելն այլևս չլսեց ու վազեց մինչև բանտը, տեսավ մորն այդտեղ՝ նստած շեմին։ Մայրն արցունքն աչքերին գրկեց որդուն, և նրանք միասին արտասվեցին։
Տեսնելով, որ նրանց պատճառով ժողովուրդը հավաքվում է ու խռնվում բանտի առաջ՝ ոստկանները եկան և Ուլենշպիգելին ու Սոոտկինին հրամայեցին, որ իսկույն ևեթ թողնեն հեռանան։
Մայր և որդի գնացին Նելեի հյուղակը․ իրենց հյուղակի մոտով անցնելիս նրանք տեսան մի գուգազ այն լանդսկնեխտներից, որոնց կանչել էին Բրյուգգեից՝ վախենալով այն խառնակություններից, որ կարող են առաջանալ դատավարության ժամանակ և մահապատժի միջոցին, որովհետև գիտեին, թե որքա՜ն են Դամմեի բնակիչները սիրում Կլաասին։
Գուգազը նստել էր դռան առաջ, սալահատակին և զբաղված էր ծծելով շշից գինօղու վերջին կաթիլը։ Այլևսե ոչինչ չգտնելով շշի մեջ՝ դեն գցեց և հանելով թրադաշյունը՝ իր հաճույքը գտավ սալահատակի քարերը հանելու մեջ։
Սոոտկինը արցունք թափելով մտավ Կատլինի տունը։
Իսկ Կատլինը օրորելով գլուխը ասաց․
― Կրա՜կը։ Մի ծակ փորեցեք, հոգին ուզում է դուրս գալ։
LXX
Borgstorm (քաղաքի փոթորիկ) կոչվող զանգը հրավիրեց տրիբունալի դատավորին․ ցերեկվա ժամը չորսին Vierschare֊ի մոտ նրանք հավաքվեցին արդարադատության լորենու շուրջը։
Կլաասին բերին կանգնեցրին նրանց առաջ․ այդտեղ նա տեսավ ամպհովանու տակ նստած՝ Դամմե քաղաքի ավագ դատավորին, իսկ նրա կողքերին և նրա դեմուդեմը՝ քաղաքապետին, դատավորներին ու գրագրերին։
Զանգի ձայնը լսելով՝ ժողովուրդը խուռներամ վազեց եկավ։
Շատերն ասում էին․ «Դատավորները հավաքվել են ոչ թե արդարությունը վեր հանելու, այլ կայսերական ստրկացում բերելու համար»։
Գրագիրը հայտարարեց, որ դատարանը հավաքվելով Vierschare֊ում, լորենու տակ՝ նախօրորք որոշել էր հետևյլաը ― նկատի առնելով և լսելով մատնություններն ու վկայությունները՝ կատարված էր Կլաասի կալանավորումը՝ ածխագործ, Դամմեի բնակիչ, ամուսին Ցոոտենսի դուստր Սոոտկինի։ Այժմ, ասաց նա, իրենք ձեռնամուխ կլինեն վկաների հարցաքննությանը։
Ամենից առաջ հարցաքննեցին Հանս Բարբիեին՝ Կլաասի հարևանին։ Երդվելուց հետո նա ասաց․ «Իմ հոգու փրկության վրա հայտարարում ու հաստատում եմ, թե Կլաասն, որն այժմ ներկա է այս դատարանում, ես ճանաչում եմ տասնյոթ տարուց ի վեր, որ նա ապրել է ազնվորեն և մայր կաթոլիկ եկեղեցու օրենքներին հետևելով՝ ամենևին նախատինքով չի խոսել նրա մասին, ոչ մի ճանաչված հերետիկոսի իր տունը չի հյուրընկալել, ոչ Լյութերի գիրքն է պահել, ոչ էլ խոսել դրա մասին, և չի արել որևէ այնպիսի բան, որ կարելի լիներ կասկածել, թե նա թերացել է կայսրության օրենքների ու հրովարտակների նկատմամաբ։ Արդ, թո՛ղ օգնեն ինձ աստված և բոլոր սրբերը»։
Դրանից հետո լսեցին Յան վան Ռոոզեբեկենին, որն ասաց, թե «Սոոտկինի՝ Կլաասի կնոջ բացակայության միջոցին նա շատ անգամ մեղադրայլի տնից լսել էր երկու առնական ձայն, և որ հաճախ երեկոյան պահին, կրակմարի զանգից հետո, տանիքի տակ գտնվող փոքրիկ սրահում ինքը տեսել էր վառված լույս և երկու մարդ, որոնցից մեկը Կլաասն էր՝ միասին զրուցելիս։ Ինչ վերաբերում է մյուս մարդու հերետիկոս լինելուն կամ ոչ, չի կարող ասել, քանի որ միայն հեռվից էր տեսել նրան։ Գալով Կլաասին, ավելացրեց նա, ես կասեմ՝ ամենայն ճշմարտությամբ խոսելով, որ այն օրվանից, ինչ ես նրան ճանաչում եմ, նա միշտ էլ զատիկը տոնել է կանոնավորապես, մեծ տոներին հաղորդվել է, ամեն կիրակի պատարագ է գնացել, բացի Սուրբ Արյան և հաջորդ կիրակիներից։ Եվ այլևս ոչինչ չգիտեմ։ Աստված ու նրա սրբերն ինձ օգնական»։
Երբ նրան հարցրին, թե նա Blau we Torre գինետանը տեսե՞լ էր Կլաասին ինդուլգենցիա վաճառելիս և քավարանը ծաղրելլիս՝ Յան վան Ռոոզեբեկեն պատասխանեց, որ Կլաասն իրոք ինդուլգենցիա ծախել էր, բայց առանց արհամարհանքի ու ծաղրի, որ ինքն էլ՝ Յան վան Ռոոզեբեկեն գնել էր մեկ հատ, ինչպես որ գնել ուզեցել էր նաև Յոսե Գրեյպսթյուվերը՝ ձկնավաճառների ավագը, որ բազմության մեջ էր։
Հետո ավագ դատավորն ասաց, որ հիմա ինքը կհրապարակի այն արարքներն ու հանցանքները, որոնց համար Կլաասը հանձնված է Vierschare դատարանին։
― «Լրահաղորդը, ― ասաց նա, ― պատահաբար Դամմեում մնացած լինելով, որովհետև չէր ուզեցել գնալ Բրյուգգե և իր փողը վատնել զվարճությունների ու կերուխումի համար, ինչպես շատ հաճախ էր արվում այդ սուրբ առիթներով, ժուժկալորեն զով օդ էր շնչում դռան շեմին։ Այդտեղից նա մի մարդ տեսավ Արագիլի փողոցում քայլելիս։ Կլաասը այդ մարդուն նկատելով գնաց նրա կողմը և բարևեց։ Մարդը սև քաթանե հագուստով էր։ Նա մտավ Կլաասի տունը, իսկ դուռը մնաց կիսաբաց։ Ցանկանալով իմանալ, թե ո՛վ է այդ մարդը՝ լրահաղորդը մտավ նախասենյակ, լսեց, որ Կլաասը խոհանոցում խոսում է մի օտարականի՝ ոմն Յոսեի հետ իր եղբոր մասին, որը գերի է ընկել ռեֆորմատների զորամասի հետ և այդ իսկ պատճառով անվամահի է դատապարտվել Աախենից քիչ հեռու։ Օտարականը Կլաասին ասաց, որ իր եղբորից ստացած փողը քանի որ վաստակել էր խեղճ ժողովրդի տգիտության շնորհիվ, ապա նա այդ փողը պետք է գործածեր որդուն ռեֆորմատների հավատով դաստիարակելու համար։ Այդ մարդը Կլաասին կոչ արավ նաև հրաժարվել մեր կաթոլիկ մայր եկեղեցու օրրանից և արտասանեց ուրիշ պիղծ բառեր, որոնց Կլաասը պատասխանեց միայն հետևյալ խոսքով․ «Դաժան դահիճնե՜ր, խե՜ղճ եղբայր իմ»։ Մեղադրյալը այսպիսով նշավակել է մեր սրբազան պապին և Նորին արքայական վսեմությունը՝ մեղադրելով նրանց դաժանության մեջ, որովհետև նրանք պատժում են հենց հերետիկոսությունը, որպես մի ոճիր, Նորին աստվածային ու մարդկային վսեմության դեմ։ Երբ օտարականը կերավ֊պրծավ՝ լրահաղորդը լսեց Կլաասի ձայնը, «Խե՜ղճ Յոսե, աստծու փառքին արժանանաս․ նրանք դաժան եղան քեզ հետ»։ Այսպիսով, նա մեղադրում էր նույնիսկ աստծուն ամբարիշտ լինելու մեջ՝ կարծելով, որ նա կարող է հերետիկոսներին էլ ընդունել երկինք։ Եվ Կլաասը անդադար կրկնում էր․ «Իմ խե՜ղճ եղբայր»։ Այդ ժամանակ օտարականը մոլեգնության հասնելով, ինչպես բողոքական քարոզիչն իր ժողովներում, գոչեց․ «Կկործանվի՜ մեծ Բաբելոնը՝ հռոմեական պոռնիկը, և կդառնա՛ բնակարան դևերի ու որջը ամենայն ատելի թռչունների»։ Կլաասն ասում էր․ «Դաժան դահիճնե՜ր, խե՜ղճ եղբայր իմ»։ Օտարականը շարունակելով իր խոսքը՝ ասում էր․ «Որովհետև հրեշտակը կվերցնի մի քար, որ երկնաքարի մեծություն ունի։ Այդ քարը կնետի ծովը և կասի․ «Այսպես պիտի նետվի մեծ Բաբելոնը, և նա այլևս չպիտի գտնվի»։ ― «Պարո՛ն, ― ասաց Կլաասը, ― ձեր բերանը լի է բարկությամբ․ բայց ասացեք խնդրեմ, ե՞րբ է գալու այն թագավորությունը, որ քաղցրաբարո մարդիկ կարողանան խաղաղությամբ ապրել երկրի վրա։ ― Երբե՛ք, ― ասաց օտարականը, ― ինչքան որ իշխի նեռը, որ պապն է, և թշնամի ամենայն ճշմարտության»։ ― «Ա՜, դուք առանց հարգանքի եք խոսում մեր սրբազան հոր մասին, ― ասում էր Կլաասը։ ― Նա անտարակույս իրազեկ չէ այն անագորյուն տանջանքներին, որոնցով պատժում են թշվառ ռեֆորմատներին»։ Օտարականն ասաց․ «Շատ լավ էլ իրազեկ է, որովհետև նա է արձակում մահապատիժները, կատարել տալիս կայսեր, իսկ հիմա թագավորի ձեռքով, որը վայելում է բռնագրվաման օգուտը, ժառանգում է հանգուցյալների ունեցվածքը և հաճությամբ դատեր է բացում հարուստների դեմ հերետիկոսության մեղադրանքով»։ Կլաասը պատասխանեց․ «Այդ բաներն ասում են Ֆլանդրիայի երկրում, ուստի ես պետք է հավատամ դրանց․ մարդու մարմինը թույլ է, նույնիսկ երբ դա արքայական մարմին է։ Իմ թշվա՜ռ Յոսե»։ Եվ այսպիսով Կլաասը ուզում էր ասել, որ շահադիտական անարգ ցանկության համար է, որ Նորին վսեմությունը պատժում է հերետիկոսներին։ Իսկ այդ օտարականն ուզում էր քարոզ կարդալ նրա գլխին՝ Կլաասն ասաց․ «Բարեհաճեցեք, պարո՛ն, այդպիսի ճառեր չասել ինձ, որոնք եթե լսվե՛ն մի անախորժ դատ կբանան իմ դեմ»։
Կլաասը վեր կացավ, գնաց նկուղ և եկավ մի աման գարեջուր հետը։ «Դուռը փակեմ», ― ասաց նա, և լրահաղորդն այլևս ոչինչ չլսեց, որովհետև ստիպված եղավ անմիջապես տնից դուրս գալ։ Դուռը թեև փակվեց, բայց և այնպես վերստին բացվեց գիշերն իջնելիս։ Օտարականը դուրս եկավ այդտեղից, բայց շուտով վերադարձավ, բախեց ու ասաց․ «Կլաա՛ս, մրսում եմ, չգիտեմ ուր գիշերեմ․ ոչ ոք չի տեսել իմ ներս մտնելը․ քաղաքն ամայի է»։ Կլաասը ներս տարավ նրան, ճրագ վառեց, և երևաց, որ հերետիկոսի առջևն ընկած՝ բարձրանում է սանդուղքը ու տանում է օտարականին տանիքի տակ, մի փոքրիկ սենյակ, որի լուսամուտը բացվում է դաշտի վրա․․․»։
― Էլ ո՞վ կարող է հաղորդած լինել այս ամենը, ― գոչեց Կլաասը, ― եթե ոչ դու ապիրա՛տ ձկնավաճառ․ ես քեզ տեսա կիրակի օրը սյունի պես ցից կանգնած շեմիդ՝ կեղծավորաբար դիտում էիր երկնքում ծիծեռնակների թռչելը։
Եվ նա մատնացույց արեց Յոսե Գրեյպսթյուվերին՝ ձկնավաճառների ավագին, որի տգեղ դունչը երևում էր ժողովրդի բազմության մեջ։
Ձկնավաճառը չարախինդ ժպտաց՝ տեսնելով, որ Կլաասն այդպիսով մատնում է իրեն։ Ամբողջ ժողովուրդը՝ մարդ, կին, աղջիկ՝ շշնջացին իրար․
― Խե՜ղճ մարդ, նրա խոսքերը կդառնան անկասկած նրա մահվան պատճառը։
Բայց գրագիրը շարունակեց կարդալ մեղադրականը․
«Հերետիկոսն ու Կլաասը, ― ասաց նա, ― այդ գիշեր երկար զրուցեցին իրար հետ, ինչպես նաև մյուս վեց գիշերները, որոնց ընթացքում կարելի էր տեսնել, թե ինչպես օտարականը սպառնալիքի կամ օրհնության բազում ժեստեր է անում՝ ձեռքերը բարձրացնում երկինք, ինչպես իր հերետիկոս նմաններն են անում։ Կլաասը կարծես հավանություն էր տալիս նրա խոսքերին։ Հավանական է, որ այդ ցերեկների, երեկոների ու գիշերների ընթացքում նրանք նախատաբար և թշնամանքով զրուցեցին պատարագի, խոստովանության, մեղաց թողությունների և Նորին արքայական վսեմության մասին․․․»։
― Ոչ ոք այդ չի լսել, ― ասաց Կլաասը, ― չի կարելի այդպես, առանց ապացույցի մեղադրել ինձ։
Գրագիրը շարունակեց․
― Ուրիշ բան էլ են լսել։ Երբ օտարականը դուրս եկավ քո տնից յոթերորդ օրը, ժամը տասին մոտ, իրիկունն արդեն իջել էր, դու նրան ճանապարհ դրեցիր մինչև Կատլինի արտի սահմանագիծը։ Այդտեղ նա հարցրեց, թե ի՛նչ էիր դու արել չար կուռքերը, ― ավագ դատավորը խաչակնքեց երեսը, ― այսինքն սուրբ կույսը, սուրբ Նիկողայոսը և սուրբ Մարտինը։ Դու պատասխանեցիր, որ ջարդել ու գցել ես ջրհորը։ Եվ իրոք, անցած գիշեր դրանք գտնվեցին քո ջրհորում․ կտորները հիմա տանջանքի զնդանումն են։
Այս խոսքերից հետո Կլաասը կարծես ընկճվեց։ Ավագ դատավորը հարցրեց, թե պատասխանել ուզո՞ւմ է․ Կլաասը գլխով նշան արեց՝ ոչ։
Ավագ դատավորը հարցրեց, թե նա չի՞ ուզում հրաժարվել այն անիծյալ մտքից, որը նրան մղել է ջարդելու արձանները, և պիղծ մոլորությունից, որի պատճառով նա նախատական խոսքեր էր ասել Նորին աստվածային վսեմության և Նորին արքայական վսեմության հասցեին։
Կլաասը պատասխանեց, որ իր մարմինը պատկանում է Նորին արքայական վսեմությանը, բայց իր խիղճը պատկանում է Քրիստոսին, որի օրենքին էլ ուզում է հետևել։ Ավագ դատավորը հարցրեց, թե այդ օրենքը մեր կաթոլիկական մայր եկեղեցու օրե՞նքն է։ Կլաասը պատասխանեց․
― Այդ օրենքը սուրբ ավետարանի մեջ է։
Կոչվելով պատասխանել այն հարցին, թե ճանաչո՞ւմ է պապին որպես աստծու ներկայացուցիչը աշխարհում՝ պատասխանեց․
― Ոչ։
Կոչվելով պատասխանել, թե մեղք համարո՞ւմ է նա պաշտել սուրբ կույսի և սրբերի պատկերները՝ պատասխանեց, թե դա կռապաշտություն է։ Հարցաքննվելով, թե ականջալուր[18] խոստովանությունն ընդունո՞ւմ է որպես լավ ու փրկարար բան՝ պատասխանեց․
― Քրիստոսն ասել է․ «Խոստովանեցեք միմյանց»։
Նա համարձակ եղավ իր պատասխաններում, թեև կարծես զղջացած ու սարսափած էր սրտի խորքում։
Ժամը ութը հնչեց, երեկոն իջավ, պարոնայք դատավորները գնացին՝ վերջնական վճիռը հետաձգելով հաջորդ օրվան։
LXXI
Կատլինի հյուղակում Սոոտկինը վշտից խելացնոր՝ լաց էր լինում ու կրկնում անդադար․
― Իմ մա՜րդ, իմ խե՜ղճ մարդ։
Ուլենշպիգելն ու Նելեն մեծագույն քնքշանքով գրկում, սփոփում էին նրան։ Նա էլ սեղմելով նրանց իր գրկում՝ լուռ մղկտալով լաց էր լինում։ Հետո նա նշան արեց, որ իրեն մենակ թողնեն։ Նելեն ասաց Ուլենշպիգելին․
― Եկ գնանք, այդպես է ուզում նա․ կառոլուսները փրկե՛նք։
Եվ երկուսն էլ դուրս եկան։ Կատլինը պտտվում էր Սոոտկինի շուրջը և ասում․
― Մի ծակ փորեցեք․ հոգին ուզում է մեկնել․
Եվ Սոոտկինը սևեռուն հայացքով դիտում էր նրան առանց տեսնելու։
Կլաասի և Կատլինի հյուղակները կից էին․ Կլաասի տան առջև մի փոքրիկ պարտեզ կար, իսկ Կատլինի տան առջև, փողոցի կողմից՝ բակլա ցանած բանջարանոց։ Բանջարանոցը շրջապատված էր ամուր փշացանկապատով, որի մեջ Ուլենշպիգելը ու Նելեն իրար մոտ գնալու համար մի խոշոր ծակ էին բացել մանկության օրերին։
Ուլենշպիգելն ու Նելեն գնացին բանջարանոց և այնտեղից տեսան պահապան գուգազին, որը գլուխը տարուբերելով թքում էր օդի մեջ, բայց լորձունքն ընկնում էր բաճկոնակի վրա։ Ճյուղացանցով պատած մի շիշ էր ընկած նրա կողքին։
― Նելե՛, ― կամացուկ ասաց Ուլենշպիգելը, գուգազը դեռ կուշտ չի խմել․ հարկավոր է, որ դարձյալ խմի։ Այդպիսով միայն տեր կդառնանք։ Վերցնենք շիշը։
Նրանց ձայնի վրա լանդսկնեխտը իր ծանր գլուխը դարձրեց նրանց կողմը, փնտրեց շիշը և չգտնելով՝ շարունակեց թքել դեպի օդը և ջանաց լուսնի լույսով տեսնել իր լորձունքի ընկնելը։
― Մինչև ատամները հարբած է գինօղիով, ― ասաց Ուլենշպիգելը, ― լսո՞ւմ ես ինչ դժվարությամբ է թքում։
Լանդսկնեխտը երկար թքելուց և օդին նայելուց հետո ձեռքը դարձյալ պարզեց շիշը վերցնելու համար․ գտավ, բերանը դրեց ճտին, գլուխը ետ գցեց, շրջեց շիշը, թեթև հարվածներ սկսեց տալ նրան՝ ամբողջ հեղուկը հոսեցնելու համար և սկսեց ծծել, ինչպես մանկիկն իր մոր ստինքը։ Այլևս ոչինչ չգտնելով մեջը՝ նա համակերպվեց, շիշը դրեց կողքին, մի քիչ հայհոյեց վերին գերմաներենով, նորից թքեց, գլուխը օրորեց աջ ու ձախ և անհասկանալի աղոթքներ մրմնջալով քնեց։
Ուլենշպիգելը իմանալով, որ այդ քունը երկար չէր տևի և պետք էր ավելի երկար խորացնել՝ ցանկապատի մեջ շինված ծակից սողաց, վերցրեց գուգազի շիշը, տվեց Նելեին, որ գինօղի լցնի։
Գուգազը շարունակում էր խռմփացնել․ Ուլենշպիգելը նորից անցավ ցանկապատի ծակից, լեցուն շիշը դրեց նրա սրունքների միջև, վերադարձավ Կատլինի բանջարանոցը և Նելեի հետ սպասեց ցանկապատի հետևը։
Նոր լցրած խմիչքի սառնության պատճառով գուգազը մի թեթև արթնացավ և հենց առաջին շարժումով որոնեց այն բանը, որ զովություն է տալիս ազդրերին։ Հարբած մարդկանց կռահումով որոշեց, որ դա լեցուն շիշ կարող էր լինել։ Ուլենշպիգելն ու Նելեն լուսնի լույսով տեսան, որ նա ցնցեց շիշը՝ խմիչքի ձայնը լսելու համար, համտես արավ, ծիծաղեց, զարմացավ, որ շիշն այդքան լիքն է, նախ խմեց մի ումպ, ապա ավելի շատ, հետո դրեց գետնին, նորից վերցրեց ու դրանից հետո անընդմիջում խմեց։
Ապա երգեց․
Երբ իրիկունս տյար Մանը գա
Ողջույն ասի տիկին Զեին․․․
Վերին գերմանացիների համար տիկին զեն ծովն է, տյար Մանի ամուսինը, իսկ տյար Մանը լուսինն է և կանանց իշխանը։ Ուստի նա երգեց․
Երբ իրիկունս տյար Մանը գա
Ողջույն ասի տիկին Զեին,
Տիկին Զեն էլ նրան կտա
Մի գավ թանձր, եփած գինի,
Երբ իրիկունս տյար Մանը գա։
Նըրա հետ Զեն ընթրիք կանի,
Բազում անգամ կը համբուրվի․
Իսկ երբ Մանը լավ կշտանա՝
Զենի մահճում կքնանա,
Երբ իրիկունս տյար Մանը գա։
Թող միշտ այսպես անուշիկս
Համեղ ընթրիք, թանձր գինի
Հրամցընի և ինձ սիրի,
Երբ իրիկունս տյար Մանը գա։
Հետո մեջընդմեջ խմելով ու մի տուն երգելով նա քնեց։ Եվ չկարողացավ լսել Նելեին, որ ասում էր․ «Բուխարու ներքնախորշի հետևն են՝ պուտուկի մեջ», ոչ էլ տեսնել Ուլենշպիգելին, որ ախոռից մտավ Կլաասի խոհանոցը, վերցրեց ներքնախորշի կափարիչը, գտավ ամանն ու կառոլուսները, վերադարձավ Կատլինի բանջարանոցը, կառոլուսները թաքցրեց այդտեղ՝ ջրհորի պատի կողքին, վստահ լինելով, որ եթե փողը որոնեն՝ տանը կփնտրեն և ոչ թե դուրսը։
Ապա վերադարձան Սոոտկինի մոտ և տեսան՝ վշտաբեկ կինը լալիս էր ու ասում․
― Իմ մա՜րդս, իմ խե՜ղճ մարդս։
Նելեն և Ուլենշպիգելը մինչև առավոտ հսկեցին նրան։
LXXII
Հաջորդ առավոտ borgstorm֊ը մեծ ղողանջելով դատավորներին հրավիրեց Vierschare֊ի դատարանը։
Երբ նրանք նստեցին Արդարադատության ծառի շուրջը՝ չորս նստարանների վրա՝ նորից հարցաքննեցին Կլաասին և ասացին, թե չի՛ ուզում հետ կենալ իր մոլորությունից։
Կլաասը ձեռքերը պարզեց դեպի երկինք․
― Քրիստոս՝ իմ տերը տեսնում է ինձ վերևից, ― ասաց նա։ ― Ես նայում էի նրա արևին, երբ ծնվեց որդիս՝ Ուլենշպիգելը։ Ո՞ւր է հիմա նա՝ թափառաշրջիկը։ Սոոտկի՛ն, անուշի՛կ կինս, արիասիրտ կլինե՞ս դժբախտության դեմ հանդիման։
Ապա նայելով լորենուն՝ ասաց նրան անիծելով․
― Հողմ ու խորշա՛կ, արե՛ք այնպես, որ ավելի շուտ տեղն ու տեղը չորանան հայրենի երկրի ծառերը, քան թե տեսնեն, որ իրենց ստվերի տակ մահվան է դատապարտվում ազատ խիղճը։ Ո՞ւր ես որդյա՛կ իմ, Ուլենշպիգել, ես խստասիրտ եմ եղել քո նկատմամբ։ Պարոնայք, գթացե՛ք ինձ և դատեցեք այնպես, ինչպես մեր ողորմած տերը կաներ։
Բոլոր նրանք, ովքեր լսում էին նրան, լաց էին լինում, բացի դատավորներից։
Ապա նա հարցրեց, թե ոչ մի ներում չկա՞ իր համար, և ասաց․
― Միշտ էլ աշխատել եմ ու քիչ եմ վաստակել․ բարեսիրտ եմ եղել աղքատների հանդեպ և սիրալիր յուրաքանչյուրի հետ։ Ես հրաժարվեցի կաթոլիկ եկեղեցուց, որպեսզի հնազանդվեմ աստծու ոգուն, որ խոսեց ինձ։ Ոչ մի շնորհ չեմ ազերսում, բացի այն՝ որ խարույկի պատիժը փոխարինեք Ֆլանդրիայի երկրից առհավետ և ցմահ աքսորի պատժով, մի պատիժ, որ ինքնին շատ ծանր է արդեն։
Բոլոր ներկա եղողներն աղաղակեցին․
― Գթացե՛ք, պարոնա՛յք, ողորմած եղե՛ք։
Բայց Յոսե Գրեյպսթյուվերը ծպտուն չհանեց։
Ավագ դատավորը ձեռքով նշան արեց լռելու և ասաց, որ հրովարտակները պարունակում են բացահայտ արգելք ներում հայցելու հերետիկոսների համար․ բայց եթե Կլաասն ուզում է հրաժարվել իր մոլորություններից նա մահապատժի կենթարկվի պարանով, փոխանակ կրակով վառվելու։
Եվ ժողովրդի մեջ խոսում էին․
― Կրակ կամ պարան․ միևնույն է՝ մահ է։
Եվ կանայք արտասվում էին, իսկ տղամարդիկ խուլ ձայնով տրտնջում։
Այդ ժամանակ Կլաասն ասաց․
― Ես ամենևին չեմ հրաժարվի։ Արեք իմ մարմինն այն, ինչ հաճո է ձեր ողորմածությանը։
Ռընեի եպիսկոպոս Տիտելմանը գոչեց․
― Անհանդուրժելի բան է տեսնել, որ հերետիկոսների մի այսպիսի ճիճու գլուխ է բարձրացնում իր դատավորների առաջ․ նրանց մարմինը վառելը անցողիկ պատիժ է, պետք փրկել նրանց հոգին և տանջանքի միջոցով ստիպել հրաժարվելու իրենց մոլորություններից, որպեսզի ժողովրդին չընձեռեն հերետիկոսների՝ վերջնական լրբությամբ մեռնելու վտանգավոր տեսարանը։
Այս խոսքերի վրա կանայք ավելի սաստիկ սկսեցին լալ, իսկ տղամարդիկ ասացին․
― Երբ խոստովանում են՝ պատժում են, և ոչ թե տանջում։
Դատարանը որոշեց, որ հրովարտակները տանջանք չեն նախատեսել, ուստի հիմք չկա Կլաասին դրան ենթարկելու։ Մի անգամ ևս հարցաքննեցին, որ հրաժարվի, բայց նա պատասխանեց․
― Չեմ կարող։
Հրովարտակների զորությամբ նա հայտարարվեց հանցավոր սիմոնականության[19] համար (ինդուլգենցիաներ ծախելու պատճառով), հերետիկոսության, հերետիկոսներ թաքցնելու համար, և որպես այդպիսին Համայնքի տան դարպասի առաջ դատապարտվեց ողջ֊ողջ այրվելու՝ մինչև որ մահը վրա հասնի։
Նրա մարմինը երկու օր կապված էր մնալու անարգանքի սյունին՝ օրինակ ծառայելու համար, ապա պիտի թաղվեր այն տեղը, ուր սովորաբար թաղում են մահապատժվածների մարմինները։
Այդ դատավճիռը լսելուց հետո Կլաասը ձկնավաճառների ավագին ասաց․
― Չար մահով ես դու մեռնելու, վա՛տ մարդ, որ մի չնչին գրոշի համար այրիացնում ես մի երջանիկ կին, որբացնում ես մի կենսուրախ տղա։
Դատավորները թողնում էին, որ Կլաասը խոսի, որովհետև իրենք էլ, բացի Տիտելմանից, խիստ անարգ էին համարում ձկնավաճառների ավագի մատնությունը։
Վերջինս ամոթից ու բարկությունից գույնը խիստ գցել, դեղնել էր։
Կլաասին նորից բանտ տարան։
LXXIII
Հաջորդ առավոտ, այսինքն Կլաասի մահապատժի նախօրյակին դատավճիռն իմացան Նելեն, Ուլենշպիգելը և Սոոտկինը։
Նրանք խնդրեցին դատավորներից բանտ մտնելու թույլտվություն, թույլ տրվեց, բայց Նելեին՝ ոչ։
Երբ ներս մտան տեսան Կլաասին երկար շղթայով կապված պատին։ Բուխարու մեջ խոնավության պատճառով փայտ էր վառվում, որովհետև Ֆլանդրիայում ըստ օրինի և իրավունքի պատվիրված է քաղցրությամբ վարվել մահվան դատապարտվածների հետ, նրանց տալ հաց, միս կամ պանիր ու գինի։ Սակայն ագահ բանտապահներն ուտում են խեղճ կալանավորների ուտելիքի մեծագույն բաժինը և լավագույն պատառները։
Կլաասը արցունքն աչքերին գրկեց Ուլենշպիգելին և Սոոտկինին, բայց և առաջինը նրա աչքերը չորացան, որովհետև այդպես էր նա ուզում, քանի որ տղամարդ էր ու ընտանիքի գլուխ։
Սոոտկինը հեկեկում էր, իսկ Ուլենշպիգելը ասում․
― Ուզում եմ փշրել այս այլանդակ շղթան։
Սոոտկինը հեկեկում էր և ասում․
― Կերթամ Ֆիլիպ արքայի մոտ․ նա կողորմա։
Կլաասը պատասխանեց․
― Արքան ժառանգում է նահատակների ունեցվածքը, ― սիրեցյալ կի՛ն, որդի՛, շուտով ես կհեռանամ այս աշխարհից՝ տխրագին ու ցավագին։ Եթե մի փոքր երկյուղ եմ զգում իմ մարմնի տանջանքի համար, ապա և խիստ ցավում եմ՝ մտածելով, որ իմ մահվանից հետո երկուսդ էլ կաղքատանաք, կթշվառանաք, որովհետև թագավորը կվերցնի ձեր ունեցվածքը։
Ուլենշպիգելը խիստ կամաց ասաց․
― Երեկ Նելեն ամբողջը փրկեց ինձ հետ։
― Շատ ուրախ եմ, ― ասաց Կլաասը, ― մատնիչը չի ծիծաղելու իմ կողոպտվելու վրա։
― Սատկի նա թո՛ղ, ― ասաց Սոոտկինը ատելությամբ, առանց արտասվելու։
― Ճարպիկ ես եղել, զավա՛կս, անո՛ւշիկ իմ Թիլ․ ուրեմն նա երբեք քաղցած չի լինի՝ իմ այրի Սոոտկինը։
Եվ Կրաասը գրկեց նրան, պինդ սեղմեց իր կրծքին։ Սոոտկինը աղեկտուր լալիս էր՝ մտածելով, որ շուտով կորցնելու է իր քաղցրաբարո պաշտպանին։
Կրաասը նայում էր Ուլենշպիգելին և ասում․
― Որդյա՛կ, մեծ ճանապարհները չափչփելիս դու հաճախ ես մեղք գործել, ինչպես վատ տղաներն են անում․ այլևս չպետք է այդպես շարունակել, բալի՛կս, ոչ էլ մենակ թողնել վշտաբեկ այրիին, որովհետև դու՝ տղամարդդ, պարտավոր ես պաշտպանել ու հովանավորել նրան։
― Հա՛յր, կկատարեմ քո ցանկությունը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Իմ խեղճ ամուսին, ― ասում էր Սոոտկինը՝ գրկելով նրան։ Ի՞նչ մեծ ոճիր ենք մենք կատարել։ Ապրում էինք երկուսով, անխռով, պատվավոր ու համեստ մի կյանքով․ սիրում էինք իրար։ Տե՜ր աստված, այդ դու էլ գիտես։ Վաղ առավոտյան վեր էինք կենում աշխատելու, իսկ երեկոյան շնորհակալ լինելով քեզնից ուտում էինք մեր հանապազօրյա հացը։ Ուզում եմ գնալ թագավորի մոտ և եղունգներովս պատառ֊պատառ անել նրան։ Տե՜ր աստված, մենք երբեք հանցանք չենք գործել։
Այդ միջոցին ներս մտավ բանտապահը և ասաց, որ մեկնելու ժամն է։
Սոոտկինը խնդրեց մնալ։ Կլաասն զգում էր, որ նրա թշվառ դեմքը այրում է իր երեսը, Սոոտկինի աչքերից հոզող առատ արցունքները թրջում են իր այտերը և նրա ամբողջ մարմինը ցնցվում ու թպրտում է իր բազուկների մեջ։ Կլաասը խնդրեց, որ նա մնա իր մոտ։
Բանտապահը կրկնեց, որ պետք է դուրս գալ և Սոոտկինին դուրս քաշեց Կլաասի թեևերից։
Կլաասն ասաց Ուլենշպիգելին․
― Աչքդ վրան պահիր, հսկի՛ր նրան։
Ուլենշպիգելը պատասխանեց, որ այդպես էլ կանի։ Ապա երկուսն էլ դուրս եկան՝ որդին մոր թևը մտավ՝ օգնելու համար նրան։
LXXIV
Մյուս օրը տեղի էր ունենալու մահապատիժը։ Այդ օրը հարևանները գթասրտությունից մղված եկան ու Կատլինի սենյակում փակեցին Ուլենշպիգելին, Սոոտկինին և Նելեին։
Բայց չէին մտածել, որ սրանք կարող են հեռվից լսել ողջակիզվողի ճիչերը և պատուհաններից տեսնել խարույկի բոցը։
Կատլինը դեգերում էր քաղաքում՝ գլուխն օրորելով և ասելով․
― Մի ծակ բացեք, հոգին ուզում է դուրս գալ։
Ժամը իննին Կլաասը ներքնաշապիկով, ձեռքերը հետևը կապած դուրս բերվեց բանտից։ Ըստ դատավճռի՝ խարույկը պատրաստված էր Աստվածածնի փողոցում, Համայնքի տան դարպասի առաջ տնկված մի գերանի շուրջը։
Դահիճն ու նրա օգնականները փայտ դարսելը դեռ չէին վերջացրել։
Կլաասն իր անձնապահներով շրջապատված՝ համբերությամբ սպասում էր, որ այդ գործը վերջանա, մինչդեռ ձիավոր ոստիկանապետը, համայնքի տան պահակազորը և Բրյուգգեից կանչված ինը լանդսկնեխտները մեծագույն ճիգով հազիվ էին կարողանում զուսպ պահել խառնակվող բազմությունը։
Ամենքն էլ ասում էին, որ դաժանություն է իր ծերության օրերին այպես անարդար կերպով մահացնել այնքան քաղցրաբարո, գթասիրտ և տքնաջան աշխատող մի խեղճ, բարեհոգի մարդու։
Հանկարծ նրանք ծունկի իջան և սկսեցին աղոթել։ Աստվածամոր տաճարի զանգերը մեռելոցի զանգը ղողանջեցին։
Կատլինն էլ ժողովրդի բազմության մեջ էր, առաջին շարքում, ամբողջովին խելացնոր վիճակում։ Նայելով Կլաասին ու խարույկին՝ նա ասում էր գլուխը տմբմտբացնելով․
― Կրա՜կը, կրա՜կը։ Մի ծակ բացեք՝ հոգին ուզում է դուրս գալ։
Սոոտկինն ու Նելեն զանգերի ղողանջը լսելով՝ խաչակնքեցին։ Բայց Ուլենշպիգելը չխաչակնքեց՝ ասելով, թե չեմ ուզում դահիճների ձևով աստված պաշտել։ Եվ սկսեց դես ու դեն վազել հյուղակում՝ ջանալով դռները բանալ կամ լուսամուտներից դուրս նետվել, բայց բոլորն էլ ամուր փակված էին։
Հանկարծ Սոոտկինը ճչաց և դեմքը գոգնոցով ծածկեց։
― Ծո՜ւխը։
Երեք վշտահարներն իսկապես երկնքում տեսան խիստ սև ծխի մի մեծ քուլա։ Դա ծուխն էր այն խարույկի, որի վրա գտնվում էր գերանին կապված Կլաասը, և որ դահիճը նոր էր վառել երեք տեղից՝ հանուն հայր աստուծո, որդի աստուծո և հոգու սուրբ աստուծո։
Կլաասը նայում էր իր շուրջը և բազմության մեջ չէր տեսնում Սոոտկինին և Ուլենշպիգելին․ նա գոհունակություն զգաց՝ մտածելով, որ նրանք չեն տեսնի իր տանջանքը։
Որևէ շշուկ չէր լսվում, բացի աղոթող Կլաասի ձայնից, փայտի ճթճթոցից, մարդկանց դժգոհ մրմունջից, կանանց լացից և Կատլինի ճիչից՝ «Վերցրեք կրակը, մի ծակ բացեք՝ հոգին ուզում է դուրս գալ», և Աստվածամոր տաճարի մեռելոցի զանգահարությունից։
Հանկարծ Սոոտկինը ձյունի պես գույնը գցեց, ամբողջ մարմնով ցնցվեց և առանց լալու մատնացույց արեց երկինքը։ Մի նեղ ու երկար բոց էր ժայթքել խարույկից և մերթ֊մերթ բարձրանում էր ցած տների տանիքներից վեր։ Այդ բոցը խիստ ցավատանջ էր Կլաասի համար, դիպչում էր նրա մորուքին և խանձում, լիզում մազերն ու այրում։
Ուլենշպիգելը բազուկներով բռնել էր Սոոտկինին և ուզում էր պոկել նրան լուսամուտից։ Նրանք մի սուր ճիչ լսեցին, ճչում էր Կլաասը, որի մարմինն այրվում էր միայն մեկ կողմից։ Հետո նա լռեց ու լաց եղավ։ Նրա կուրծքն ամբողջովին ողողված էր արցունքով։
Ապա Ուլենշպիգելն ու Սոոտկինը լսեցին մի ուժգին աղաղակ։ Քաղաքացիները, կանայք ու երեխաներն էին գոչում․
― Կլաասը չդատապարտվեց մարմանդ կրակով այրվելու, այլ բոցավառ խարույկին։ Դահի՛ճ, բորբոքիր խարույկը։
Դահիճը բորբոքեց, բայց կրակն արագ չէր արծածվում։
― Խեղդամահ արե՛ք նրան, ― աղաղակեցին ձայները։
Եվ քարեր նետեցին ոստիկանների վրա։
― Բո՜ցը, թեժ բո՜ցը, ― գոչեց Սոոտկինը։
Եվ իրոք, ծխի միջից կարմիր բոց էր բարձրանում երկինք։
― Շուտով կմեռնի, ― ասաց այրին։ ― Տե՜ր աստված, բարեգութ եղե՛ք անմեղի հոգու վերաբերմամբ։ Ո՞ւր է թագավորը, որ իմ եղունգներով հանեմ նրա սիրտը։
Աստվածածնի տաճարի զանգերը մեռելոց էին ղողանջում։
Սոոտկինը նորից լսեց Կլաասի արձակած սուր ճիչը, բայց չտեսավ նրա մարմինը, որ գալարվում էր այրուցքի ցավից, չտեսավ կծկվող դեմքը, ոչ էլ գլուխը, որ նա պտտում էր ամեն կողմ և խփում անարգանքի սյունին։ Ժողովուրդը շարունակում էր գոռալ և սուլել․ կանայք ու երեխաները քար էին շպրտում, երբ հանկարծ խարույկն ամբողջովին բոցավառվեց և ամենքը լսեցին Կլաասի ձայնը բոցի ու ծխի միջից․
― Սոոտկի՜ն, Թի՜լ։
Եվ նրա գլուխը խոնարհվեց կրծքի վրա արճիճե գլխի պես։
Լսվեց մի սրտակեղեք և սուր ճիչ, որ գալիս էր Կատլինի հյուղակից։ Հետո ոչ ոք ոչինչ չլսեց, եթե ոչ ձայնը խեղճ խելագարի, որ օրորելով գլուխը կրկնում էր․ «Հոգին ուզում է դուրս գալ»։
Կլաասը վախճանվել էր։ Խարույկը վառվեց, ու բոցը լիզում էր գերանի ստորոտը։ Եվ խղճալի մարմինն ամբողջովին սևացած՝ մնաց գամից կախված։
Իսկ Աստվածամոր տաճարի զաները մեռելոց էին ղողանջում։
LXXV
Սոոտկինը Կատլինի տանն էր՝ կանգնած պատին հենված, գլխահակ, ձեռքերը կցած։ Նա գրկած պահել էր Ուլենշպիգելին, որ խոսում էր, ոչ լալիս։
Ուլենշպիգելն էլ լուռ էր՝ զգալով, թե տենդի ինչպիսի՜ կրակով է վառվում իր մոր մարմինը։
Հարևանները վերադառնալով մահապատժի վայրից՝ ասացին, որ Կլաասի տանջանքները վերջացան։
― Փառավորյալ է նա այժմ, ― ասաց այրին։
― Աղոթի՛ր, ― ասաց Նելեն Ուլենշպիգելին և տվեց նրան իր վարդարանը (համրիչը[20])։ Բայց նա չուզեց օգտվել դրանից՝ ասելով, որ դրա հատիկները պապի ձեռքով են օրհնվել։
Երեկոն իջել էր, որ Ուլենշպիգելն ասաց մորը․
― Մա՛յր, պետք է անկողին մտնես, ես կհսկեմ կողքդ նստած։
― Չեմ ուզում,որ հսկես, պետք չէ, ― ասաց մայրը, ― քունը լավ է երիտասարդներին։
Նելեն խոհանոցում յուրաքանչյուրի համար մի անկողին պատրաստեց և դուրս գնաց։
Նրանք մնացին երկուսով, բուխարու մեջ վառվում էր չոր արմատների մնացորդը։
Սոոտկինը անկողին մտավ, նրան հետևեց Ուլենշպիգելը և լսեց, որ մայրը լաց է լինում վերմակի տակ։
Դուրսը, գիշերային լռության մեջ քամին ծովի նման խշշացնում էր ջրանցքի մոտ աճած ծառերը և, որպես աշնան նախակարապետ, պատուհաններին էր զարնում հողմապտույտ փոշին։
Ուլենշպիգելին թվաց, թե մարդ է գնում գալիս․ խոհանոցից ոտնաձայնի նմանող շշուկ լսեց։ Նայեց, բայց ոչինչ չտեսավ․ ականջ դրեց, ոչինչ չլսեց, բացի քամու ոռնոցը ծխնելույզի մեջ և Սոոտկինի հեկեկանքը վերմակի տակ։
Ապա դարձյալ ոտնաձայն լսեց, իսկ իր գլխավերևում հառաչանք։
― Այդ ո՞վ է, ― ասաց նա։
Ոչ ոք չպատասխանեց, բայց երեք հարաված իջավ սեղանին։ Ուլենշպիգելին վախը պատեց և նա դողալով դարձյալ հարցրեց․ ― Այդ ո՞վ է։
Ոչ մի պատասխան չստացավ, բայց նորից սեղանին իջած երեք հարված լսվեց և նա զգաց, որ երկու բազուկ սեղմում են իրեն և իր դեմքի վրա կռացել է մի մարմին, որի մորթը խորդուբորդ է, կրծքի վրա մի խոշոր ծակ կա և խանձահոտ է արձակում։
― Հայր, ― ասաց Ուլենշպիգելը, ― սա քո խեղճ մարմինն է, որ այսպես ծանրացել է վրաս։
Նա պատասխան չստացավ, և չնայած ստվերն իր մոտ էր, այնուամենայնիվ դրսից մի ձայն լսվեց․ «Թի՛լ, Թի՛լ»։ Հանկարծ Սոոտկինը վեր կացավ և մոտեցավ Ուլենշպիգելի անկողնին․
― Ոչինչ չե՞ս լսում, ― հարցրեց նա։
― Լսում եմ, ― ասաց նա, ― հայրս կանչում է ինձ։
― Ես մի սառն մարմին զգացի կողքիս՝ իմ անկողնում, ― ասաց Սոոտկինը, ― ներքնակն էլ շարժվվեց, սավանները երերացին, լսեցի մի ձայն, որ ասում էր․ «Սոոտկին», շատ ցած մի ձայն՝ հևոցի պես, և թեթև ոտնաձայն՝ մոծակի թևերի շշուկի նման։
Ապա դիմելով Կլաասի ոգուն՝ ասաց․
― Եթե որևէ բան ես ցանկանում երկնքում, ուր դու կաս աստծուց փառավորյալ, պետք է մեզ ասես, թե ինչ է այդ, որպեսզի մենք կատարենք քո կամքը։
Հանկարծ քամու մի հարված մոլեգնորեն բացեց դուռը, սենյակը լցրեց փոշով, և Ուլենշպիգելն ու Սոոտկինը լսեցին ագռավների հեռավոր կռնչյուն։
Նրանք միասին դուրս եկան և գնացին խարույկի տեղը։
Գիշերը խավար էր, բացի այն պահերից, երբ ամպերը հալածվելով Հյուսիսի կծու քամուց և եղնիկների պես վազելով երկնքից՝ բացում էին մի աստղի շողշողուն դեմքը։
Համայնքի մի պահակազոր երթևեկում էր՝ պահպանում խարույկը։ Ուլենշպիգելն ու Սոոտկինը կարծրացած գետնի վրա լսեցին նրա ոտնաձայնը և մի ագռավի կռռոցը, որն անկասկած ուրիշների էր կանչում, որովհետև հեռվից կռնչյուններով պատասխանում էին նրան։
Ուլենշպիգելն ու Սոոտկինը մոտեցել էին խարույկին, երբ տեսան, որ ագռավն իջավ Կլաասի ուսին․ նրանք լսեցին նրա կտցահարումը մարմնին, և քիչ անց ուրիշ ագռավներ հավաքվեցին։
Ուլենշպիգելն ուզեց նետվել խարույկի վրա, քշել ագռավներին․ բայց պահակազորն ասաց․
Կախա՛րդ, փառքի ձերքե՞ր ես փնտրում։ Իմացի՛ր ուրեմն, որ վառվածի ձեռքերը չեն, որ անտեսանելի են դարձնում, այլ միայն կախվածի ձեռքերը, որպիսին մի օր կլինես դու։
― Պարոն պահակ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― ես ամենևին էլ կախարդ չեմ, այլ այդտեղ կապվածի որբ զավակը, իսկ այս կինը՝ նրա այրին։ Միայն մի բան ենք մենք ուզում՝ մի անգամ էլ համբուրել նրան և նրա աճյունից մի քիչ վերցնել ի հիշատակ նրան։ Թույլ տվեք մեզ այդ, խնդրում եմ, պարո՛ն, չէ որ դուք օտարերկարցի գուգազ չեք, այլ մեր երկրի հարազատ զավակը։
― Թող քո ուզածը լինի, ― պատասխանեց պահակազորը։
Որբն ու այրին վառված փայտերը կոխոտելով հասան մարմնին․ երկուսն էլ արցունքն աչքերին համբուրեցին Կլաասի դեմքը։
Ուլենշպիգելը սրտի տեղից, ուր բոցը մի խոշոր ծակ էր փորել, մի քիչ աճյուն վերցրեց։ Ապա ծունկի գալով՝ նա ու Սոոտկինը աղոթք մրմնջացին։ Երբ դժգույն այգաբացը երևաց երկնքում՝ երկուսն էլ դեռ այդտեղ էին․ բայց պահակազորը քշեց նրանց՝ վախենալով իր բայրացակամության համար պատժվելուց։
Վերադառնալով տուն՝ Սոոտկինը վերցրեց մի կտոր կարմիր և մի կտոր սև մետաքս, մի փոքրիկ քսակ կարեց, աճյունն այդտեղ լցրեց, ապա երկու ժապավեն կապեց, որպեսզի Ուլենշպիգելը կարողանա միշտ վզից կախած պահել։ Քսակիկը տալով նրան ասաց․
― Թող այս աճյունը, որ իմ ամուսնու սիրտն է, միշտ կրծքիդ վրա լինեն՝ որպես վրեժխնդրության կրակ դահիճների դեմ։
― Համաձայն եմ, ― ասաց Ուլենշպիգելը։
Այրին գրկեց որբին, և այդ պահին արևը ծագեց։
LXXVI
Հաջորդ օրը համայնքի պահակազորքերը և մունետիկները եկան Կլաասի բնակարանը, որպեսզի կահկարասին փողոց հանեն և սկսեն աճուրդը։ Սոոտկինը Կատլինի տնից տեսնում էր, թե ինչպես իջեցրին երկաթե և պղնձե օրորոցը, որ հորից որդի եղել էր շարունակ Կլաասի տանը, ուր ծնվել էր թշվառ ննջեցյալը, ուր ծնվել էր նաև Ուլենշպիգելը։ Ապա իջեցրին այն մահճակալը, որի վրա Սոոտկինը հղիացել էր իր տղայով և այնքան երանավետ գիշերներ էր անցկացրել՝ գլուխը իր մարդու ուսին դրած։ Ապա տեսավ այն արկղը, որի մեջ հացն էր դարսում, սնդուկը, ուր բախտավոր օրերին միսն էին պահում, կրակարանները, կաթսաներն ու տապակոցները, որ այլևս փայլուն չէին, ինչպես անցած երջանիկ օրերին, այլ անգործության փոշուց կեղտոտված։ Դրանք հիշեցրին նրան ընտանեկան տոնախմբությունները, երբ դրանց հոտն առնելով գալիս էին հարևանները։
Ապա դուրս հանեցին մի խոշոր և մի փոքր տակառ «հասարակ» ու «կրկնակ» գարեջրի, իսկ զամբյուղի մեջ գինու շշեր՝ առնվազն մի երեսուն հատ։ Եվ ամեն ինչ թափեցին փողոց, մինչ իսկ վերջին մեխը, որ խեղճ այրին լսում էր, թե ինչպես ուժգին ճռռոցով պոկում հանում են պատերից։
Նա նայում էր նստած տեղից, առանց ճչալու և տրտնջալու, բայց խիստ մորմոքելով, թե ինչպես են տանում իր համեստ ունեցվածքը։ Մունետիկը մի մոմ վառեց և սկսեց իրերը աճուրդով ծախել։ Մոմը վերջանալու մոտ էր, որ ձկնավաճառների ավագը բոլորն էլ գնեց չնչին արժեքով, որպեսզի հետո թանկ ծախի։ Երևում էր, որ նա հրճվում է հավի ուղեղը ծծող աքիսի պես։
Ուլենշպիգելն ասում էր մտովի․ «Երկար չե՛ս ծիծաղի, մարդասպա՛ն»։
Վաճառքը թեև վերջացավ, սակայն ոստիկանները, որ ամեն ինչ պեղում֊փորփրում էին, չէին գտնում կառոլուսները։ Ձկնավաճառը գոչում էր․
― Լավ չեք փնտրում․ ես գիտեմ, որ Կլաասը վեց ամիս առաջ յոթ հարյուր հատ ուներ դրանիցից։
Ուլենշպիգելն ասում էր մտովի․ «Երկար չե՛ս ծիծաղի, մարդասպա՛ն»։
Հանկարծ Սոոտկինը դարձավ դեպի նա․
― Մատնի՜չը, ― ասաց նա՝ ցույց տալով ձկնավաճառին։
― Գիտեմ, ― ասաց Ուլենշպիգելը։
― Ուզո՞ւմ ես, որ նա ժառանգի հորդ արյունը, ― հարցրեց մայրը։
― Ավելի շուտ մի ամբողջ օր կտանջվեմ չարչարանքի նստարանի վրա, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Սոոտկինն ասաց․
― Ես էլ, բայց կարեկցությունից մղված ինձ չմատնես՝ որքան էլ ծանր ցավեր կրելս տեսնես։
― Ավա՜ղ, դու կին ես, ― ասաց Ուլենշպիգելը։
― Խե՜ղճ զավակս, ― ասաց մայրը, ― ես քեզ աշխարհ եմ բերել և գիտեմ տանջվել։ Բայց դու, եթե ես քեզ տեսնեմ․․․ ― Ապա գույնը գցելով շարունակեց, ― կաղոթեմ սուրբ կույսին, որը տեսավ իր որդուն խաչի վրա։
Եվ արտասվելով գուրգուրում էր Ուլենշպիգելին։
Եվ այդպես նրանց միջև կնքվեց ատելության և ուժի դաշինքը։
LXVII
Ձկնավաճառը պետք է վճարեր գնած իրերի գնի միայն կեսը, մինչև որ գտնեին յոթ հարյուր կառոլուսը, որ նրան մղել էին այդ անարգ գործին։
Սոոտկինը գիշերներն անց էր կացնում լաց լինելով, իսկ ցերեկները՝ տնտեսության գործերն անելով։ Հաճախ Ուլենշպիգելը լսում էր, որ խոսում է ինքն իրեն ու ասում․
― Եթե նա տիրանա մեր փողերին, ես ինձ մահու կտամ։
Հասկանալով, որ նա իր ասածը կաներ՝ Ուլենշպիգելն ու Նելեն ամեն ճիգ թափեցին համոզելու Սոոտկինին, որ գնա Վայխերեն, ուր նա ազգականներ ուներ։ Սոոտկինը հակառակեց՝ ասելով, թե կարիք չունի հեռանալու այն հողից՝ որի ճիճուները շուտով ուտելու են այրիի իր ոսկորները։
Այդ օրերին ձկնավաճառը նորից էր գնացել ավագ դատավորի մոտ և ասել, որ հանգուցյալը ընդամենը մի քանի ամիս էր, ինչ ժառանգել էր յոթ հարյուր կառոլուսը, որ նա ժլատ մարդ էր ու սակավապետ, ուստի և ծախսած չէր լինի այդ խոշոր գումարը, որ անկասկած թաքնված է որևէ մի տեղ։
Ավագ դատավորը հարցրեց, թե ինչ վատություն էին արել նրան Ուլենշպիգելը և Սոոտկինը, որ զրկելով մեկին հորից, մյուսին ամուսնուց՝ դեռ շարունակում է այդպես դաժանորեն հետապնդել նրանց։
Ձկնավաճառը պատասխանեց, որ լինելով Դամմեի պատվավոր քաղաքացի՝ ուզում էր ստիպել, որ հարգեն կայսրության օրենքները, և այդպիսով, առժանանալ Նորին վսեմության ողորմածությանը։
Այդ ասելով նա ավագ դատավորի ձեռքը հանձնեց մի ամբաստանագիր և բերել տվեց վկաներ, որոնք ամենայն ճշտությամբ խոսելով՝ հակառակ իրենց ցանկության հաստատեցին, որ ձկնավաճառը չի ստում։
Ավագների ատյանի դատավորները վկայությունները լսելուց հետո հայտարարեցին, որ հանցագործության ապացույցները բավական են չարչարանքի ենթարկելու համար։ Ի հետևումն դրա՝ նրանք տունը նորից խուզարկելու համար ոստիկաններ ուղարկեցին, որոնք լիազորված էին մորն ու որդուն բերելու քաղաքի բանտը, ուր նրանք կալանավորված մնալու էին, մինչև Բրյուգգեից գար դահիճը, որին շտապ կանչելու էին։
Երբ Ուլենշպիգելն ու Սոոտկինը ձեռքերը մեջքին կապած անցան փողոցից՝ ձկնավաճառը իր տան շեմին կանգնած դիտում էր նրանց։
Դամմեի քաղաքացիներն ու կանայք իրենց շեմին էին։ Մաթիսենը, որ ձկնավաճառի դրկիցն էր, լսեց այն, ինչ Ուլենշպիգելն ասաց մատնիչին․
― Աստված կանիծի քեզ, այրիների դահիճ։
― Դու չար մահով կմեռնես, որբերին հալածո՛ղ, ― ասաց Սոոտկինը։
Դամմեի բնակիչներն այպիսով իմանալով, որ Գրեպսթյուվերի երկրորդ մատնության հիման վրա են բանտ տանում այրի կնոջն ու որբին՝ հայհույի ենթարկեցին ձկնավաճառին և երեկոյան քարերով ջարդեցին նրա տան ապակիները։ Եվ նրա դուռը ծածկվեց աղտեղությամբ։
Եվ այլևս նա չհամարձակվեց տանից դուրս գալ։
LXXVIII
Առավոտյան ժամը տասին մոտ Ուլենշպիգելին և Սոոտկինին տարան չարչարանքի զնդանը։
Այդտեղ էին ավագ դատավորը, գրագիրը, ավագները, Բրյուգգեի դահիճը, նրա ծառան և վիրաբույժ սափրիչը։
Ավագ դատավորը Սոոտկինին հարցրեց, թե կայսեր պատկանող որևէ ունեցվածք չի՞ պահել։ Սոոտկինը պատասխանեց, որ ոչինչ չունենալով՝ ոչինչ չէր կարող պահել։
― Իսկ դու, ― հարցրեց ավագ դատավորն Ուլենշպիգելին։
― Յոթ ամիս առաջ, ― պատասխանեց նա, ― մենք յոթ հարյուր կառոլուս ժառանգություն ստացանք․ դրանց մի մասը կերանք։ Գալով մյուսներին՝ չգիտեմ որտեղ են։ Այնուամենայնիվ կարծում եմ, թե այն հետիոտն ճամփորդը, որ ի դժբախտություն մեզ ապրեց մեր տանը, տարել է մնացածը, որովհետև այլևս ոչինչ չեմ տեսել ես։
Ավագ դատավորը նորից հարցրեց, թե երկուսն էլ համառո՞ւմ են իրենց մեղավոր հայտարարել։
Նրանք պատասխանեցին, որ կայսեր պատկանող ոչինչ չեն պահել։
Այն ժամանակ ավագ դատավորը խստությամբ ասաց․
― Որովհետև ձեր դեմ եղած հանցագործության նշանները մեծ են և մեղադրանքն էլ պատճառաբանված՝ ապա եթե չխոստովանեք, կենթարկվեք չարչարանքի։
― Խնայեցեք այրիին, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Ձկնավաճառն ամեն ինչ գնել է։
― Խե՜ղճ զավակս, ― ասաց Սոոտկինը, ― տղամարդիկ երբեք չեն կարող կանանց պես դիմանալ ցավերի։ ― Տեսնելով, որ Ուլենշպիգելն իր պատճառով մեռելի պես դեղնել է՝ ավելացրեց․
― Ուժ էլ ունեմ, ատելություն էլ։
― Խնայեցեք այրիին, ― կրկնեց Ուլենշպիգելը։
― Նրա տեղը ինձ վերցրեք, ― ասաց Սոոտկինը։
Ավագ դատավորը դահճին հարցրեց՝ պատրա՞ստ են արդյոք այն գործիքները, որոնք պետք է ճշմարտությունը երևան հանեն։
Դահիճը պատասխանեց․ ― «Ամեն ինչ պատրաստ է»։
Դատավորները խորհրդակցելուց հետո որոշեցին, որ ճշմարտությունն իմանալու համար պետք կնոջից սկսել։
― Չէ՞ որ, ― ասաց ավագներից մեկը, ― չկա այնքան քարսիրտ որդի, որ տեսնի իր մոր տանջվելը և հանցագործությունը խոստովանելով՝ չազատի նրան․ նույնը կանի իր պտղի նկատմամբ ամեն մի մայր, եթե նույնիսկ էգ վագրի սիրտ ունենա։
― Կնոջը նստեցրու աթոռի վրա, ― ասաց ավագ դատավորը դահճին, ― և աղմակներ հագցրու ձեռքերին ու ոտքերին։
Դահիճը հնազանդվեց։
― Օ՜, պարոնա՛յք դատավորներ, մի անեք այդ, ― գոչեց Ուլենշպիգելը։ ― Ինձ կապեցեք նրա փոխարեն, կոտրտեցեք իմ ձեռքերի ու ոտքերի մատները, բայց խնայեցեք այրիին։
― Ձկնավաճա՜ռը, ― ասաց Սոոտկինը, ― ուժ էլ ունեմ, ատելություն էլ։
Ուլենշպիգելն ավելի սփրթնեց, դողում էր և հուզմունքից չէր կարողանում խոսել։
Աղմակները տոսախափայտե փոքրիկ ձողեր էին՝ դրված ամեն մի մատի միջև, դիպչում էին ոսկորին և թելերի միջով միացնում էին այնպիսի խորամանկ հնարանքի մի մեխանիզմի, որ դահիճը դատավորի ցանկությամբ կարող էր բոլոր մատներն էլ սեղմել, ոսկորներից միսը պոկել, տրորել աղալ դրանք կամ թե տանջվողին պատճառել միայն մի թեթև ցավ։
Նա աղմակները դրեց Սոոտկինի ձեռքերին ու ոտքերին։
― Սեղմեցեք, ― ասաց ավագ դատավորը։
Դահիճը դաժանորեն սեղմեց։
Այդ ժամանակ ավագ դատավորը դիմելով Սոոտկինին ասաց․
― Ցույց տուր կառոլուսների պահված տեղը։
― Չգիտեմ, ― պատասխանեց նա տնքալով։
― Ավելի ուժգին սեղմեցեք, ― ասաց ավագ դատավորը։
Ուլենշպիգելը շարժում էր հետևը կապված ձեռքերը՝ պարանից ազատելու և Սոոտկինին օգնության հասնելու համար։
― Մի՛ սեղմեք, պարոնայք դատավորներ, ― ասում էր նա, ― դրանք կանացի նուրբ ու դյուրաբեկ ոսկորներ են։ Թռչունն անգամ իր կտուցով կարող է փշրել։ Մի՛ սեղմեք։ Պարո՛ն դահիճ, ձեզ չէ, որ ասում եմ, որովհետև դուք պետք է հնազանդ լինեք պարոնների հրամաններին։ Մի՛ սեղմեք, պարոնայք դատավորներ, գթացեք, խնդրեմ։
― Ձկնավաճա՜ռը, ― ասաց Սոոտկինը։
Եվ Ուլենշպիգելը լռեց։
Բայց տեսնելով, որ դահիճը ավելի ուժգին է սեղմում ձողիկները՝ նորից գոչեց․
― Խղճացե՜ք, պարոնայք։ Դուք կփշրեք այրիի մատները, որոնց նա կարիք ունի աշխատելու համար։ Վա՜խ, հապա ոտքերը, այլևս չի կարողանալու քայլել։ Գթացե՜ք պարոններ։
― Չար մահով ես մեռնելու ձկնավաճա՛ռ, ― գոչեց Սոոտկինը։
Եվ նրա ոսկորները ճարճատում էին, արյունը կաթիլ֊կաթիլ հոսում էր նրա ոտքերից։
Ուլենշպիգելը տեսնում էր ամեն ինչ և կսկիծից ու զայրույթից դողալով ասում էր․
― Կանացի ոսկորներ են, մի՛ փշրեք, պարոնայք դատավորներ։
― Ձկնավաճա՜ռը, ― տնքում էր Սոոտկինը։
Եվ նրա ձայնը ցածր էր ու խեղդված՝ ուրվականի ձայնի պես։
Ուլենշպիգելը ցնցվեց ու գոռաց․
― Պարոնայք դատավորներ, ձեռքերից արյուն է հոսում, նույնպես ոտքերից։ Ջարդե՜լ են այրիի ոսկորները։
― Վիրաբույժ սափրիչը մատը դիպցրեց ոսկորներին, Սոոտկինը սուր ճիչ արձակեց։
― Խոստովանիր նրա փոխարեն, ― ասաց ավագ դատավորն Ուլենշպիգելին։
Բայց Սոոտկինը նայեց նրան ննջեցյալի հայացքով՝ աչքերը լայն բացած։ Եվ Ուլենշպիգելը հասկացավ, որ չպիտի խոսեր, ուստի առանց որևէ բան ասելու արտասվեց։
Այդ ժամանակ ավագ դատավորն ասաց․
― Քանի որ այս կինն օժտված է տղամարդու հաստատակամությամբ, ապա պետք է փորձել նրա արիությունը որդու չարչարանքին ի տես։
Սոոտկինը ոչինչ չլսեց, որովհետև կրած ծանր ցավերի պատճառով գիտակցությունը կորցրել էր։
Քացախի օգնությամբ նրան ուշքի բերին։ Ապա Ուլենշպիգելի շորերը հանեցին և մերկ կանգնեցրին մոր առջև։ Դահիճը խուզեց նրա գլխի, ինչպես նաև մարմնի այլ մասերի մազերը, որպեսզի տեսնի, թե որևէ չար դյութանք չունի՞։ Եվ նրա կռնակի վրա տեսավ այն սև խալը, որ ի ծնե ուներ։ Մի քանի անգամ երկար մի ասեղ խրեց այդտեղ, բայց տեսնելով, որ արյուն եկավ՝ եզրակացրեց, որ այդ խալի մեջ ոչ մի կախարդանք չկա։ Ավագ դատավորի հրամանով Ուլենշպիգելի ձեռքերը կապեցին երկու պարանով, որոնք նետված էին առաստաղին ամրացրած լիսեռիկի վրա, այնպես որ դահիճը կարող էր դատավորի ցանկությամբ բարձրացնել նրան և իջեցնել՝ սաստիկ ցնցելով։ Եվ ինն անագամ այդպես արավ՝ ամեն մի սրունքից քսանհինգ ֆնտանոց կշռաքար կապելուց հետո։
Իներորդ ցնցումից պայթեց դաստակների ու ոտքի ճաների մաշկը, և սրունքների ոսկորներն սկսեցին դուրս գալ իրենց խոռոչներից։
― Խոստովանի՛ր, ― ասաց ավագ դատավորը։
― Ոչ, ― պատասխանեց Ուլենպիգելը։
Սոոտկինը նայում էր որդուն և ուժ չէր գտնում գոռալու, ոչ էլ խոսելու․ նա միայն թևերը պարզեց առաջ՝ շարժելով արնածոր մատները և այդ ժեստով ցույց տալով, որ պետք է հեռու տանել չարչարանքը։
Դահիճը դարձյալ բարձրացրեց և իջեցրեց Ուլենշպիգելին։ Եվ դաստակների ու ճաների մաշկն ավելի ճեղքվեց, սրունքների ոսկորներն ավելի դուրս եկան իրենց խոռոչներից։ Բայց նա ամենևին չճչաց։
Սոոտկինը լալիս էր ու շարժում իր արնածոր մատները։
― Ցույց տուր գողունի տեղը, ― ասաց ավագ դատավորը, ― և հանցնաքդ կներվի։
― Ձկնավաճառը ներման կարիք ունի, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ի՞նչ է, ծաղրո՞ւմ ես դատավորներին, ― ասաց ավագներից մեկը։
― Ե՞ս ծաղրեմ։ Ավա՜ղ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― թվում է գուցե, հավատացեք։
Այնժամ Սոոտկինը տեսավ, որ դահիճը ավագ դատավորի հրամանով արծարծում է մի թեժ կրակարան, և օգնականներից մեկը վառում է երկու մոմ։
Նա ուզեց կանգնել իր խոշտանգված որքերի վրա, բայց ցած ընկավ գոչելով։
― Տարե՜ք այդ կրակը։ Պարոնա՛յք դատավորներ, խղճացեք նրա թշվառ ջահելությունը։ Տարե՜ք կրակը։
― Ձկնավաճառը, ― գոչեց Ուլնեշպիգելը՝ տեսնելով, որ մայրը թուլանում է։
― Ուլենշպիգելին գետնից մեկ ոտնաչափ բարձրացրեք, ― ասաց ավագ դատավորը, ― կրակարանը դրեք ոտքերի տակ և յուրաքանչյուր անութի տակ մի մոմ։
Դահիճը հնազանդվեց։ Այն ինչ մնացել էր անութի մազերից՝ բոցից ճտճտաց ու խանձահոտ արձակեց։
Ուլենշպիգելը աղաղակում էր, իսկ Սոոտկինը լալիս և ասում․
― Տարե՜ք կրակը։
Ավագ դատավորն ասում էր․
― Ցույց տուր, ո՛վ կին, գողունի տեղը, և կազատվես։ Խոստավոնիր նրա փոխարեն։
― Ո՞վ է ուզում ձկնավաճառին նետել հուր հավիտենիցի մեջ, ― ասում էր Ուլենշպիգելը։
Սոոտկինը գլխով նշան էր անում, թե ասելիք չունի։ Ուլենշպիգելը կրճտացնում էր ատամները, իսկ Սոոտկինը նայում էր վայրագ, արտասվալի աչքերով։
Բայց երբ դահիճը մոմերը մարելուց հետո բոցավառ կրակարանը դրեց Ուլենշպիգելի ոտքերի տակ՝ մայրը ճչաց․
― Պարոնա՛յք դատավորներ, խղճացե՜ք նրան․ նա չի իմանում, թե ինչ է ասում։
― Ինչո՞ւ չի իմանում, թե ինչ է ասում, ― հարցրեց ավագ դատավորը խորամանկությամբ։
― Մի՛ հարցաքննեք նրան, պարո՛ն դատավորներ, չե՞ք տեսնում, որ նա ցավից խելացնոր է դարձել։ Ձկնավաճառը ստել է, ― ասաց Ուլենշպիգելը։
― Դո՞ւ էլ ես նրա պես խոսելու, կի՛ն, ― հարցրեց ավագ դատավորը։
Սոոտկինը գլխով այո ասաց։
― Ձկնավաճառին վառեցեք, ― գոռաց Ուլենշպիգելը։
Սոոտկինը լռեց և բռուցքը վեր բարձրացրեց ասես անիծելու համար։
Այնուամենայնիվ տեսնելով, որ կրակարանն ավելի է արծածվում որդու ոտքերի տակ՝ աղաղակեց․
― Տե՜ր իմ աստված, Մարիա՜մ աստվածածին, որ երկինքն եք, դադարեցրեք այս տանջանքը։ Գթացե՜ք, խնդրեմ։ Վերցրե՜ք կրակարանը։
― Ձկնորսավաճա՜ռը, ― հեծեծաց նորից Ուլենշպիգելը։
Արյունը առատորեն ժայթքեց նրա քթից ու բերանից, և խոնարհելով գլուխը՝ մնաց կախված կրակի վրա։
Այնժամ Սոոտկինը գոռաց․
― Մեռե՜լ է խեղճ որբս։ Սպանեցի՜ն նրան։ Ա՜խ, սրան էլ։ Վերցրեք այս կրակը, պարոնա՛յք դատավորներ։ Թույլ տվեք, որ գրկիս մեջ առնեմ նրան՝ նրա մոտ մեռնելու համար։ Գիտեք, որ չեմ կարող փախչել այս իմ ջարդոտված ոտքերով։
― Այրիին տվեք իր որդին, ― ասաց ավագ դատավորը։
Դրանից հետո դատավորներն սկսեցին խորհրդակցել։
Դահիճն Ուլենշպիգելին արձակեց և մերկ ու ամբողջովին արնաշաղախ դրեց Սոոտկինի ծնկների վրա, իսկ վիրաբույժը ոսկորները գցում էր իրենց խոռոչների մեջ։
Սոոտկինը գրկել էր Ուլենշպիգելին և արտասվելով ասում էր․
― Որդյա՛կ, խե՜ղճ նահատակ, եթե պարոնայք դատավորները թույլ տան, ես քեզ կբուժեմ։ Բայց նախ արթնացի՛ր, Թի՛լ, բալի՛կս։ Պարոնա՛յք դատավորներ, եթե դուք սպանել եք որդուս՝ ես կգնամ Նորին վսեմության մոտ, որովհետև դուք վարվեցիք հակառակ ամեն օրենքի ու արդարության և կտեսնեք, թե ինչ կարող է անել մի խեղճ կին չար մարդկանց դեմ։ Բայց, պարոնա՛յք, մեզ երկուսիս էլ ազատեցեք։ Աշխարհում ոչ ոք չունենք, մենք ու մենք ենք, խեղճ մարդիկ, որոնց վրա ծանրորեն իջել է աստծու ձեռքը։
Դատավորները նրանց ազատեցին՝ հետևյալ դատավճիռն արձակելով․
«Քանի որ դուք՝ Սոոտկին, այրի կին Կլաասի, և դուք Թիլ, որդի Կլաասի՝ մականվանյալ Ուելնշպիգել, մեղադրված լինելով ըստ բռնագրավման դատավճռի թաքցնելու այն ունեցվածքը, որ հակառակ սեփականության ու ժառանգության օրենքների՝ պատկանում է նորին վսեմության և չնայած ձեր կրած դաժան տանջանքին և բավականաչափ փորձություններին ոչինչ չխոստովանեցիք՝ դատարանը նկատի առնելով բավարար մեղադրանշաններ չլինելը և ձեր՝ կի՛ն, անդամների ողբալի վիճակը, և ձեր՝ տղամա՛րդ, կրած ծանր տանջանքը, հայտարարում եմ ազատ՝ թույլ տալով, որ հաստատվեք քաղաքում այն մարդու կամ կնոջ մոտ, ով կհամաձայնի ձեզ բնակարան տալ, չնայած ձեր աղքատության։
Դատավճիռն արձակված է Դամմե քաղաքում, քսաներեքերորդ օրն հոկտեմբերի, յամի տեառն մերոյ 1558»։
― Աստծու շնորհը ձեզ վրա լինի, պարո՛ն դատավորներ, ― ասաց Սոոտկինը։
― Ձկնավաճա՜ռը, ― հեծեծում է Ուլենշպիգելը։
Եվ մորն ու որդուն մի սայլի վրա դրած տարան Կատլինի տունը։
LXXIX
Այդ տարին, որ դարու հիսունութերորդն էր, Կատլինը մտավ Սոոտկինի մոտ և ասաց․
― Այս գիշեր օծվեցի բալասանով և տեղափոխվեցի Մայր աստվածածնի տաճարի զանգակատունը․ ես տեսա տարերքի ոգիներին, որ մարդկանց աղոթքները փոխանցում են հրեշտակներին, սրանք թռչում էին դեպի երկնից բարձրունքը և տանում դրանք դեպի ամենակարողի գահը։ Երկինքը սփռված էր շողշողուն աստղերով։ Հանկարծ խարույկից բարձրացավ մի սև կերպարանք և եկավ տեղավորվելու իմ կողքին՝ զանգակատանը։ Ես ճանաչեցի Կլաասին․ այնպես էր, ինչպես կենդանության օրոք՝ ածխավաճառի իր հագուստներով։ «Ի՞նչ ես անում աստվածածնի տաճարի զանգակատանը», ― հարցրեց նա։ ― «Իսկ ո՞ւր ես դու գնում՝ թռչունի պես սլանալով օդում», ― պատասխանեցի ես։ «Դատաստան եմ գնում, ― ասաց նա, ― մի՞թե չես լսում հրեշտակի շեփորը»։ Ես խիստ մոտիկ էի նրան և զգացի, որ նրա ոգեղեն մարմինը նման չէր կենդանի մարդկանց մարմիններին, այլ այնքան նրբակերտ էր, որ մոտենալով նրան՝ մտա այնտեղ, ինչպես տաք գոլորշու մեջ։ Իսկ ստորոտում, Ֆլանդրիայի ամբողջ երկրում փայլում էր մի քանի լույս, և ես մտածեցի։ «Ովքեր շուտ են վեր կենում և մինչև ուշ գիշեր աշխատում են՝ աստծու օրհնյալներն են»։
Եվ ամբողջ գիշեր լսում էի հրեշտակի շեփորի ձայնը։ Այդժամ տեսա ուրիշ ստվեր, որ նույնպես բարձրանում էր և Իսպանիայից էր գալիս։ Այդ ուրվականը ծեր էր, զառամած, կզակը մաշիկանման էր և շրթների վրա սերկևիլի անուշ էր երևում։ Կռնակին ուներ մուգ կարմիր թավիշե թիկնոց՝ աստառը սպիտակ կզաքիսից, գլխին՝ կայսերական թագ, մի ձեռքին մի անձրուկ, որ նա կրծում էր, մյուս ձեռքին մի գավ լիքը գարեջուր։
Նա, անշուշտ հոգնած լինելուց, եկավ նստելու աստվածամոր տաճարի զանգակատանը։ Ես ծունկի իջա և ասացի․ «Ձերդ թագակիր վսեմություն, ես ձեզ ակնածանքով մեծարում եմ, սակայն չեմ ճանաչում։ Ուսկի՞ց եք գալիս և ի՞նչ եք անում աշխարհում»։ ― «Գալիս եմ Էսրամադուրայի սուրբ Յուստուսի վանքից․ Ես Կառլոս Հինգերորդ կայսրն էի»։ ― «Իսկ ո՞ւր եք գնում այժմ, այս ցուրտ գիշերով, կարկուտով լցված այս ամպերի միջով», ― ասացի ես։ «Գնում եմ դատաստան», ― ասաց նա։ Կայսրն ուզում էր ուտել վերջացնել իր անձրուկը և դատարկել գարեջրի գավը, երբ հնչեց հրեշտակի շեփորը» Նա բարձրացավ օդ՝ մրթմրթալով, որ այդպես ընդհատեցին իր ընթրիքը։ Ես հետևեցի նորին սրբազան վսեմությանը։ Նա թռչում էր ՝ ուտելու հոգնությունից զկռտալով, շնչարգելությունից հևալով, երբեմն էլ փսխելով, որովհետև մահը վրա էր հասել մարսողության խանգարման վիճակում։ Մենք անընդհատ բարձրացանք՝ հոնափայտե աղեղից արձակված նետերի պես։ Աստղերը սահում էին մեր մոտից՝ հրեղեն շերտեր գծելով երկնքում․ տեսնում էինք աստղեր էլ, որ տեղից պոկվում էին ու ընկնում։ Հրեշտակի շեփորը հնչում էր։ Ինչպիսի՜ պոռթկուն ու հուժկու ձայն։ Ամեն անգամ, երբ շեփորաձայնը բախվում էր օդի զանգվածներին, սրանք ճեղքվում էին, ասես խիստ մոտիկից մրրիկ էր փչում նրանց վրա։ Եվ այսպես ճանապարհը բացվում էր մեզ համար։ Հազար և ավելի մղոն բարձրանալուց հետո մենք տեսանք Քրիստոսին իր բովանդակ փառքով՝ նստած մի աստղակերտ գահի վրա․ նրա աջ կողմը գտնվում էր այն հրեշտակը, որ գրում է մարդկանց արարքները մի բրոնզե տոմարում, ձախ կողմը՝ Մարիամն էր, նրա մայրը, և անվերջ ողոքում էր նրան մեղավորների համար։
Կլաասը և Կառլոս կայսրը ծունկի իջան գահի առաջ։
Հրեշտակը ցած գցեց նրա գլխի թագը և ասաց․ «Միայն մի կայսր կա աստ․ Քրիստոսն է այդ»։
Նորին սրբազնագույն վսեմությունը կարծես բարկացավ, բայց և այնպես խոնարհաբար ասաց․ «Կարո՞ղ եմ պահել այս անձրուկը և գարեջուրը, որովհետև երկար ճանապարհորդությունը քաղցածացրեց ինձ»։
«Ինչպես ողջ կյանքումդ, [21] ― հարեց հրեշտակը, ― այնուամենայնիվ կեր ու խմիր»։
Կայսրը դատարկեց գարեջրի գավը և կրծոտեց անձրուկը։
Այնժամ խոսեց Քրիստոսը․
«Մաքուր հոգո՞վ ես ներկայանում դատաստնին»։
«Կարծում եմ՝ այո, ողորմագո՛ւթ փրկիչ, որովհետև մեղքերս խոստովանել եմ», ― պատասխանեց Կառլոս կայսրը։
«Իսկ դո՞ւ, Կլաաս, ― հարցրեց Քրիստոսը, ― քանի որ այս կայսեր պես չես դողում»։
«Փրկիչ իմ Հիսուս, ― պատասխանեց Կլաասը, ― չկա այնպիսի մի հոգի, որ բոլորովին մաքուր լինի, ուստի և ես ոչ մի վախ չունեմ ձեզնից, որ գերագույն բարությունն եք և գերագույն արդարադատությունը, այնուամենայնիվ երկնքում եմ իմ մեղքերի համար, որոնք սակավաթիվ չեն»։
«Խոսի՛ր, լե՛շ», ― ասաց հրեշտակը՝ դիմելով կայսրին։
«Ես, տե՛ր իմ, ― պատասխանեց Կառլոսը շփոթված ձայնով, ― օծվելով ձեր քահանաների մատներով՝ թագադրվեցի արքա Կաստիլիայի, կայսր Գերմանիայի և թագավոր հռոմեացոց։ Շարունակ սրտումս կրեցի պահպանումն այն իշխանության, որ ձեզնից է գալիս, ուստի և պարանով, ու երկաթով, դամբանով ու հրով պատժեցի բոլոր ռեֆորմատներին»։
Բայց հրեշտակն ընդհատեց․
«Դու ուզում ես մեզ խաբել, փորցա՛վ ստախոս, ― ասաց նա։ ― Դու հանդուրժեցիր Գերմանիայում ռեֆորմատներին, որովհետև վախենում էիր նրանցից, մինչդեռ նրանց գլխատեցիր, այրեցիր, կախաղան հանեցիր ու ողջ֊ողջ թաղեցիր Նիդեռլանդիայում, ուր միայն մի մտահոգություն ունեիր՝ որքան կարելի է շատ բան ժառանգել բազում մեղրով հարուստ այդ աշխատասեր մեղուներից։ Հարյուր հազար հոգի մահ գտան քո ձեռքից ոչ թե այն պատճառով, որ դու շատ էիր սիրում Քրիստոսին՝ իմ տիրոջը, այլ որովհետև դու բռնակալ էիր, հարստահարող ու կեղեքիչ, սիրում էիր միմիայն քեզ, իսկ քեզնից հետո՝ միս ու ձուկ, գինի ու գարեջուր, որովհետև շան պես անկշտում էիր և սպունգի պես ծծող»։
«Հիմա դու խոսի՛ր, Կլաաս», ― ասաց Քրիստոսը։
Բայց այդժամ վեր կացավ հրեշտակը և ասաց․
«Այս մարդն ասելիք չունի։ Նա եղել է բարեսիրտ, տքնաջան, ինչպես Ֆլանդրիայի չարքաշ ժողովուրդը, սիրահոժար աշխատել է ու սրտաբաց ծիծաղել, հավատարիմ է եղել իր իշխաններին, որ պետք է լիներ, և հավատացել է, որ իշխանները հավատարիմ կլինեն իրեն, որ պետք է լինեին։ Նա փող ուներ, մեղադրվեց և որովհետև ապաստան էր տվել մի ռեֆորմատի՝ ողջ֊ողջ այրվեց»։
«Խե՜ղճ նահատակ, ― ասաց Մարիամը, ― բայց երկնքում կան սառնորակ աղբյուրներ, կաթի ու պատվական գինիների աղբյուրներ, որ կզովացնեն քեզ․ ես ինքս քեզ կտանեմ այնտեղ, ածխագո՛րծ»։
Հրեշտակի շեփորը նորից թնդաց, և ես տեսա, որ անդնդախոր վիհերից բարձրացավ մի մերկ, գեղեցիկ մարդ՝ երկաթե պսակով։ Պսակի շրջանակի վրա գրված էին այս բառերը․ «Տխուր մինչև օրն արդարության»։
Նա մոտեցավ Քրիստոսի գահին ու ասաց․
«Ես քո ստրուկն եմ՝ մինչև որ լինեմ քո տերը»։
«Սատանա՛, ― ասաց աստվածամայրը, ― կգա մի օր, երբ այլևս ոչ ստրուկ կլինի, ոչ տեր, երբ Քրիստոսը, որ սեր է, և սատանան, որ գոռոզություն է՝ կկոչվեն ուժ ու իմաստություն»։
«Ո՛վ կին, դու բարեսիրտ ես ու գեղեցիկ», ― ասաց Սատանան։
Ապա դիմելով Քրիստոսին ու ցույց տալով կայսրին՝ ասաց․
«Ի՞նչ պետք է անել սրան»։
Քրիստոսն ասաց․
«Այս թագադրված ճիճուին կտանես մի սրահ և կհավաքես այդտեղ տանջանքի այն բոլոր գործիքները, որոնք կիրառել են սրա թագավորության օրոք։ Ամեն անգամ, երբ մի անմեղ դժբախտ կենթարկվի ջրի չարչարանքին, որ մարդկանց ուռցնում է փուչիկի պես, մոմի չարչարանքին, որ այրում է նրանց ոտքերի ներբանն ու ճանը, էստրապադի[22] պատժին, ամեն անգամ, երբ մի ազատ հոգի իր վերջին շունչը փչի խարույկի վրա՝ պետք է, որ սա փոխնփոխ կրի նույն մահացումները, նույն չարչարանքները, որպեսզի սովորի, թե ինչ չարիք կարող է գործել մի անարդար մարդ, որ հրամայում է այլ միլիոնների․ թո՛ղ փտի նա բանտերում, մեռնի կառափնատների վրա, հեծեծա աքսորում՝ հայրենիքից հեռու, անարգվի, խայտառակվի, մտրակահար արվի․ թո՛ղ նա լինի հարուստ, և բռնագրավումը կրծի նրան, մատնիչը մեղադրի նրան, ընչազրկումը՝ կործանի։ Դու դրան կդարձնես էշ, որպեսզի հեզանա, խոշտանգվի ու կրճոնով սնվի․ կդարձնես աղքատ, որպեսզի ողորմություն խնդրի և նախատինքով դիմավորվի․ կդարձնես դրան մշակ, որպեսզի երկար աշխատի և կուշտ չուտի։ Հետո, երբ բավականաչափ տանջվի իր մարդկային մարմնով ու հոգով՝ կդարձնես շուն, որպեսզի բարյացակամ լինի, բայց հարվածներ ստանա․ կդարձնես ճորտ Հնդկաստանում, որպեսզի աճուրդով ծախեն նրան․ կդարձնես զինվոր, որպեսզի կռվի մի ուրիշի համար և սպանվի՝ չիմանալով, թե ինչու։ Իսկ երբ երեք հարյուր տարի հետո նա, այդպիսով, սպառած կլինի բոլոր տառապանքները, բոլոր թշվառությունները՝ կդարձնես դրան ազատ մարդ․ և եթե այդ վիճակում նա Կլաասի նման բարեսիրտ լինի՝ դրա մարմնին կտաս մի պատառ հող՝ կեսորին ստվերոտ, առավոտները արեգդեմ, մի գեղեցիկ ծառ՝ ծածկված մատղաշ դալարիքով, որպես մշտնջենական հանգստություն։ Եվ նրա բարեկամները կգան նրա գերեզմանի վրա, իրենց դառն արցունքները թափելու, մանուշակ ու հուշածաղիկ ցանելու»։
«Գթա՛, որդյա՛կ իմ, ― ասաց սուրբ կույսը, ― նա չի իմացել թե ինչ է արել, որովհետև իշխանությունը կարծրացնում է սիրտը»։
«Ոչ մի գութ», ― ասաց Քրիստոսը։
«Ա՜խ, ― ասաց նրան սրբազնագույն վսեմությունը, ― մի թաս անդալուզյան գինի լինե՜ր հիմա»։
«Ե՛կ, ― ասաց սատանան, ― անցել է գինու, մսի ու թռչնախորտիկների ժամանակը»։
Եվ նա դժոխքի խորխորատները տարավ խեղճ կայսեր հոգին, որ դեռ կրծում էր անձրուկի կտորը։ Սատանան խղճահարությունից չարգելեց, որ ուտի։
Հետո տեսա, որ սուրբ կույսը Կլաասին տարավ երկնից բարձրունքները, ուր միայն աստղեր կային՝ ողկույզների պես երկնակամարին սեղմված։ Այդտեղ հրեշտակները լվացին նրան, նա երիտասարդացավ ու գեղեցկացավ։ Ապա արծաթե գդալներով rystpap[23] կերցրին նրան։ Եվ երկինքը գոցվեց։
― Փառքի մեջ է նա, ― ասաց այրին։
― Աճյունը նրա բախում է սրտիս, ― ասաց Ուլենշպիգելը։
LXXX
Հաջորդ քսաներեք օրվա ընթացքում Կատլինն այնպես սպիտակեց, նիհարեց ու չորացավ, որ կարծես նրան կրծում էր ավելի լափող մի ներքին կրակ, քան խելագարությունն էր։
Նա այլևս չէր ասում․ «Կրա՜կը։ Մի ծակ փորեցեք՝ հոգին ուզում է դուրս գալ», այլ հափշտակության մեջ էր շարունակ և ասում էր Նելեին․
― Ես ամուսնացած եմ, դու էլ պետք է ամուսնանաս։ Գեղեցիկ երիտասարդ կլինի, մազերը երկար, ծնկներն ու բազուկները սառն, սերը՝ ջերմ։
Սոոտկինը տխրագին նայում էր նրան՝ կարծելով, որ մի նոր խելագարություն է սկսվել։ Իսկ Կատլինը շարունակում էր իր խոսքը․
― Երեք անգամ երեք անում է ինը, սրբազան մի թիվ։ Ում աչքերը գիշերը կատվի աչքերի պես փայլում են՝ միայն նա է տեսնում գաղտնիքը։
Մի անգամ Սոոտկինը լսելով նրան՝ թերահավատության շարժում գործեց։ Բայց Կատլինը շարունակեց․
― Չորս ու երեք՝ դժբախտություն է Երևակի տակ, իսկ Արուսյակի՝ ամուսնության թիվ է։ Սա՜ռն բազւկներ, սա՜ռն ծնկներ, բոցավառ սի՜րտ։
Սոոտկինը վրա բերեց․
― Չպետք է հիշատակել հեթանոսական այդ անարգ կուռքերին։
Կատլինն այդ խոսքը լսեց և խաչակնքելով դեմքը՝ ասաց․
― Օրհնյալ լինի Գորշ ձիավորը։ Նելեին մարդ է պետք, գեղեցիկ մի մարդ՝ սուրը կողքից կախ, սևազգեստ մի մարդ՝ պայծառ դեմքով։
― Այո, ― ասաց Ուլենշպիգելը, ― ամուսինների իսկական բորանի, որի շուրվան ես կպատրաստեմ իմ դանակով։
Տեսնելով Ուլենշպիգելին այդպես խանդոտ՝ Նելեն հրճվանքից թրջված աչքերով նայեց նրան և ասաց․
― Ինձ ամուսին պետք չէ։
― Շուտով կգա նա, որ գորշազգեստ է, ամեն անգամ նոր կոշիկներով ու խթաններով, ― պատասխանեց Կատլինը։
― Աղոթեցեք աստծուն խելագարի համար, ― ասաց Սոոտկինը։
― Ուլենշպիգե՛լ, գնա՛, չորս լիտր կրկնակ գարեջուր ճարիր, իսկ մինչ այդ ես heetekoek֊ներ կպատրաստեմ․ դրան շղարշագաթա են ասում ֆրանսիացիների երկրում, ― ասաց Կատլինը։
Սոոտկինը հարցրեց, թե ինչու է նա հրեաների պես շաբաթ օրն է տոնում։
― Որովհետև խմորը պատրաստ է, ― պատասխանեց Կատլինը։
― Ուլենշպիգելը անգլիական անագե մի աման բռնած, որ ճիշտ չորս լիտրանոց էր, կանգնել մնացել էր։
― Մայր, ― ինչպե՞ս վարվեմ, ― հարցրեց նա։
― Գնա՛, ― ասաց Կատլինը։
Սոոտկինն այլևս չէր ուզում պառկել՝ քանի որ տան տիրուհին չէր։
― Գնա՛, որդյակ, ― ասաց նա։
Ուլենշպիգելը վազեց Scaeck և այդտեղից բերեց չորս լիտր dobbelkuyt:
Քիչ հետո heetekoek֊ների անուշ հոտը տարածվեց խոհանուցում, և ամենքն էլ քաղց զգացին, նույնիսկ վշտաբեկ այրին։
Ուլենշպիգելը շատ լավ կերավ։ Կատլինը մի խոշոր գավ էր տվել նրան՝ ասելով, թե քանի որ նա միակ տղամարդն է, տան մեծը՝ մյուսներից ավելի պետք է խմի, հետո էլ երգի։ Այս խոսքերն ասելիս նրա դեմքը խորամանկ չարաճճիություն էր արտահայտում։ Բայց Ուլենշպիգելը խմեց ու չերգեց։ Նելեն լաց էր լինում՝ նայելով գույնը գցած և ցամաքած֊ընկճված Սոոտկինին։ Միայն Կատլինն էր զվարթ։
Ընթրիքից հետո Սոոտկինը և Ուլենշպիգելը բարձրացան ձեղնահարկը քնելու։ Կատլինն ու Նելեն մնացին խոհանոցում, ուր գցված էին նրանց անկողինները։
Գիշերվա ժամը երկուսի մոտ Ուլենշպիգելն արդեն վաղուց քնել էր խմիչքի ներգործության պատճառով։ Սոոտկինը աչքերը բաց, ինչպես ամեն գիշեր, աղոթում էր սուրբ կույսին, որ քուն տա իրեն․ բայց կույսը չէր լսում։
Հանկարծ նա որկնկուլի[24] ձայն լսեց և խոհանոցից էլ նման մի ձայն պատասխանեց դրան․ ապա հեռվից, դաշտավայրից թնդացին այլ ձայներ, և ամեն անգամ նրան թվում էր, որ խոհանոցից պատասխանում են դրանց։
Կարծելով, որ գիշերային թռչուններ են դրանք՝ նա ոչ մի ուշադրություն չդարձրեց։ Ապա լսեց ձիերի վրնջույն և երկաթագամ կոշիկների դոփյուն սալահատակի վրա։ Նա բացեց ձեղնահարկի պատուհանը և, իրոք, տեսավ երկու թամբված ձի՝ փնչալիս և առվի եզրի խոտը կրծոտելիս։ Ապա նա լսեց կանացի ճիչ, տղամարդու սպառնալից ձայն, ծեծի հարվածներ, դարձյալ ճիչ, դռան շռնդալի բացվելը և սանդուղքի ստիճանները բարձրացող տագնապահար ոտնաձայն։
Ուլենշպիգելը խռմփում էր և ոչինչ չէր լսում։ Ձեղնահարկի դուռը բացվեց․ Նելեն ներս մտավ գրեթե մերկ, շնչակտուր, աղիողորմ լալով, շտապ֊շտապ դռան դեմ դրեց մի սեղան, աթոռներ, մի հին կրակարան, ինչպիսի կահույք, որ կարողացավ գտնել։ Վերջին աստղերը հանգչելու մոտ էին, աքաղաղները կանչում էին։
Նելեի հանած աղմուկից Ուլենշպիգելը շրջվեց անկողնում, բայց շարունակեց քնել։
Այնժամ Նելեն փաթաթվելով Սոոտկինի վզին՝ ասաց․
― Սոոտկին, վախենում եմ, մոմը վառիր։
Սոոտկինը մոմը վառեց, բայց Նելեն շարունակում էր հեկեկալ։
Մոմի լույսի տակ Սոոտկինը նայեց Նելեին, տեսավ, որ աղջկա շապիկը ճեղքված է ուսի մոտ, իսկ ճակատի, երեսի ու վզի վրա արնոտ հետքեր, որ առաջանում են եղունգի ճանկռվածներից։
― Նելե՛, ― ասաց Սոոտկինը, ― որտեղի՞ց ես գալիս այդպես վիրավորված։
Աղջիկը, որ դեռ ցնցվում էր ու հեծեծում, ասաց․
― Սոոտկի՛ն, մեզ խարույկի մի՛ մատնիր։
Այդ միջոցին արթնացավ Ուլենշպիգելը և մոմի լույսից աչքերը կկոցեց։ Սոոտկինը հարցրեց․
― Ո՞վ է ներքևում։
― Սո՛ւս, այն մարդն է, որի հետ ուզում է ինձ ամուսնացնել։
Հանկարծ Սոոտկինն ու Նելեն լսեցին Կատլինի ճիչը, և նրանց ոտքերը թուլացան։
― Ծեծո՜ւմ է նրան, ծեծո՜ւմ է նրան իմ պատճառով, ― ասաց Նելեն։
― Ո՞վ կա տանը, ― գոչեց Ուլենշպիգելը անկողնից ցատկելով։ Ապա աչքերը սրբելով ընկավ սենյակի քունջ֊մունջը, մինչև որ մի անկյունում գտավ մի ծանր կրակխառնիչ։
― Ոչ ոք, ոչ ոք, ― ասաց Նելեն, ― մի՛ գնա ներքև, Ուլենշպի՛գել։
Բայց Ուլենշպիգելը առանց ուշադրություն դարձնելու այդ խոսքերին՝ վազեց դեպի դուռը և սկսեց մի կողմ նետել աթոռները, սեղանն ու կրակարանը։ Կատլինն անդադար ճչում էր ներքևում։ Նելեն ու Սոոտկինը կաշկանդել էին Ուլենշպիգելին սանդղագավթի վրա՝ մեկը մեջքը գրկած, մյուսը՝ ոտքն էր բռնել և ասում էին․
― Մի՛ գնա այնտեղ, դևեր են դրանք։
― Այո, ― պատասխանեց նա, ― Նելեի դև ամուսինը․ ես գնում եմ ամուսնաբար զուգավորելու նրան իմ կրակխառնիչի հետ։ Մսի ու երկաթի նշանդրեք։ Թողեք իջնեմ։
Բայց նրանք բաց չէին թողնում Ուլենշպիգելին, որովհետև ճաղին կառչած լինելով՝ ուժի գերակշռություն ունեին։ Իսկ Ուլենշպիգելը քարշ էր տալիս նրանց սանդուղքի աստիճանների վրա, և կանայք վախենում էին, որ այդպիսով, կմոտենան դևերին։ Բայց, ի վերջո, չկարողացան դիմադրել նրան։ Լեռան գագաթից գահավիժող ձնագնդի պես ոստյուններ գործելով Ուլենշպիգելն իջավ, մտավ խոհանոցը, այգաբացի լույսի տակ տեսավ Կատլինին գունատ ու խելակորույս, լսեց նրա խոսքերը․
― Հա՛նսկե, ինչո՞ւ ես ինձ մենակ թողնում։ Ես ի՞նչ հանցանք ունեմ, որ Նելեն չար է։
Ուլենշպիգելն առանց նրան լսելու բաց արեց ախոռի դուռը։ Ոչ ոքի չգտնելով այդտեղ՝ նա նետվեց բանջարանոց, այդտեղից էլ՝ փողոց։ հեռվում նա տեսավ երկու ձի, որոնք արշավեցին ու անհետացան մշուշի մեջ։ Վազեց, որ հասնի նրանց, բայց չկարողացավ, որովհետև սլանում էին չոր տերևներն ավլող հարավային քամու պես։
Զայրույթից ու հուսահատությունից գլխիկոր՝ նա ներս մտավ ատամների միջից մռլտալով․ «Լլկե՜լ են նրան, լլկե՜լ են նրան»։ Նրա աչքերը չարագուշակ մի բոցով շողշողում էին․ նա նայում էր Նելեին, որը ամբողջ մարմնով ցնցվելով կանգնել էր Սոոտկինի ու Կատլինի առջև և ասում էր․
―Ոչ, Թի՛լ, սիրելի՛ս, ոչ։
Այս խոսքերն ասելիս այնպիսի տխուր ու համարձակ հայացքով էր նայում նրան, որ Ուլենշպիգելը համոզվեց, թե ճիշտ է ասում։ Ապա, ընդհատելով նրան՝ հարցրեց․
― Որտեղի՞ց էին գալիս այդ ճիչերը, ո՞ւր էին գնում այդ մարդիկ։ Ինչո՞ւ քո շապիկը ուսից ու կռնակից պատռված է։ Ինչո՞ւ ճակատիդ ու երեսիդ վրա եղունգի ճանկռվածքներ կան։
― Լսի՛ր, ― ասաց Նելեն, ― և մեզ խարույկի մի՛ մատնիր, Ուլենշպիգել։ Կատլինը, աստված ազատի նրան դժոխքից, քսաներեք օր է, ինչ մի բարեկամ է գտել, մի սևազգեստ դև՝ երկարաճիտ կոշիկներով ու խթաններով։ Նրա դեմքը փայլուն է այն հրացոլքի պես, որ տեսնում ես ամառները ծովի ալիքների վրա, երբ շոգ է։
― Ինչո՞ւ մեկնեցիր, Հանսկե, անուշի՛կս, ― ասում էր Կատլինը։ ― Նելեն չար է։
Իսկ Նելեն շարունակելով իր խոսքը ասաց․
― Նա ոսկրկուլի ձայն է հանում՝ ազդարարելու համար, որ եկել է։ Ամեն շաբաթ օր մայրս տեսնվում է նրա հետ խոհանոցում։ Ասում է, որ նրա համբյուրները սառն են, իսկ մարմինը ասես ձյուն լինի։ Այդ մարդը ծեծում է մորս, երբ սա չի ուզում նրա ուզածն անել։ Մի անգամ միայն մի քանի ֆլորին բերեց նրան, բայց առհասարակ ինքն էր նրանից փող վերցնում։
Այս պատմության ընթացքում՝ Սոոտկինը ձեռքերը կցած աղոթում էր Կատլինի համար, իսկ Կատլինը ուրախ֊ուրախ ասում էր․
― Մարմինս այլևս իմը չէ, միտքս այլևս իմը չէ, նրանն է, նրանը։ Հա՛նսկե, ջանի՛կս, նորից ինձ շաբաթահանդես[25] տար։ Նելեն է միայն, որ ամենևին չի ուզում։ Նելեն չար է։
― Լուսաբացին նա թողնում գնում է, ― շարունակեց Նելեն, ― հաջորդ առավոտյան մայրս ինձ պատմում է հարյուրավոր տարօրինակ բաներ․․․ Բայց այդպիսի չար աչքերով մի՛ նայիր ինձ, Ուլենշպիգել։ Երեկ նա ինձ ասաց, որ մի գեղեցիկ իշխան՝ գորշ հագուստներով, անունը Հիլբերտ, ինձ կնության է ուզում, ուստի կգա այստեղ ինձ ներկայանալու։ Ես ասացի, որ ամուսին չեմ ուզում՝ ո՛չ տգեղ, ո՛չ գեղեցիկ։ Մորենական իրավունքով նա պահանջեց, որ գիշերն անքուն լուսացնեմ և սպասեմ նրանց, որովհետև նա գիտակցությունը ամենևին չի կորցնում, երբ բանը հասնում է սիրային գործերին։ Մենք կիսով չափ հանված պատրաստվում էինք անկողին մտնել, իմ քունը տարել էր այդ աթռի վրա։ Երբ նրանք ներս մտան՝ ես չարթնացա։ Հանկարծ զգացի, որ մեկը գրկեց ինձ ու համբուրեց իմ վիզը։ Ես պայծառ լուսնի լույսով տեսա մի լուսաշող դեմք, ինչպես ծովի ալյակների կատարներն են հուլիսին, երբ որոտ է սպասվում․ ես լսեցի մի կամացուկ ձայն, որ ասում էր ինձ․ «Ես Հիլբերտն եմ՝ քո ամուսինը, իմը եղիր՝ ես քեզ կհարստացնեմ»։ Այս խոսքերն ասողի դեմքից ձկան հոտ էր գալիս։ Ես նրան հետ մղեցի․ նա ուզեց բռնի տիրանալ ինձ, բայց նրա պես տասը մարդու ուժ զգացի։ Այնուամենայնիվ, նա պատառոտեց իմ շապիկը, վիրավորեց դեմքս ու շարունակ կրկնում էր․ «Եղիր իմը՝ ես քեզ կհարստացնեմ»։ «Այո, ― ասում էի ես, ― ինչպես մորս, որի վերջին գրոշն ես տանում»։ Այն ժամանակ նա կրկնապատկում էր բռնությունը, բայց չէր կարողանում հաղթահարել ինձ։ Եվ քանի որ նա ննջեցյալից ավելի տգեղ էր՝ մատներս այնպես ուժգին կոխեցի նրա աչքերի մեջ, որ նա ցավից ճչաց ու ես կարողացա խույս տալ և գալ այստեղ՝ Սոոտկինի մոտ։
Կատլինն իրենն էր կրկնում․
― Նելեն չար է։ Ինչո՞ւ այդպես շուտ մեկնեցիր, Հա՛նսկե, անուշի՛կս։
― Ո՞ւր էիր դու, անպիտա՛ն մայր, երբ ոզում էին խլել քո երեխայի պատիվը, ― ասաց Սոոտկինը։
― Նելեն չար է, ― ասաց Կատլինը։ ― Ես իմ սևազգեստ տիրոջ մոտ էի, երբ գորշ դևը մոտեցավ մեզ՝ արնաներկ դեմքով ու ասաց․ «Վեր կաց, ա՛յ տղա, չարքի տուն է սա․ տղամարդիկ ուզում են մեզ մահու տալ, իսկ կանայք դանակներ ունեն մատների ծայրին»։ Հետո նրանք վազեցին դեպի իրենց ձիերը և անհետացան մշուշի մեջ։ Նելեն չա՛ր է։
LXXXI
Հաջորդ առավոտյան, երբ նրանք տաք֊տաք կաթ էին խմում, Սոոտկինն ասաց Կատլինին․
― Տեսնում ես, որ կսկիծը արդեն քշում է ինձ այս աշխարհից, էլ ինչո՞ւ ես քո անիծյալ կախարդություններով արագացնում այդ օրը։
Բայց Կատլինն իրենն էր ասում․
― Նելեն չար է։ Վերադարձի՛ր Հա՛նսկե, անուշի՛կս։
Հետևյալ չորեքշաբթի երկու դևն էլ միասին վերադարձան։ Այդ շաբաթ օրվանից հետո Նելեն այրի վան դեն Հաութեի մոտ էր գիշերում՝ ասելով, թե չի կարող մնալ Կատլինի մոտ այդ երիտասարդ Ուլենշպիգելի պատճառով։
Կատլինն իր սևազգեստ տիրոջ և նրա բարեկամին ընդունեց keet֊ում, որ լվացարանն ու փուռն է և կից է գլխավոր կացարանին։ Եվ նրանք կերուխում և ուրախություն արեցին հին գինիներով ու ապխտած տավարի լեզվով, որ միշտ այդտեղ էին ու նրանց էին սպասում։ Սևազգեստ դևը Կատլինին ասաց․
― Մի մեծ գործի համար մենք մի խոշոր գումարի կարիք ունենք․ ինչ որ կարող ես՝ տուր։
Կատլինը միայն մեկ ֆլորին էր ուզում տալ, նրանք էլ սպառնացին, թե կսպանեն, բայց ի վերջո ոչինչ չարին, երբ երկու կառոլուս և յոթ դընիե ստացան։
― Այլևս շաբաթ օրերը մի՛ գաք, ― ասաց Կատլինը, ― Ուլենշպիգելը գիտե այդ օրը և զինված կսպասի ձեզ սպանելու համար․ իսկ ձեզնից հետո ես էլ կմեռնեմ։
― Հաջորդ երեքշաբթի կգանք, ― ասացին նրանք։
Այդ օրը Ուլենշպիգելն ու Նելեն քնել էին, առանց վախենալու դևերից և կարծում էին որ նրանք միայն շաբաթ օրը կգան։
Կատլինը վեր կացավ և գնաց keet֊ը՝ տեսնելու, թե իր բարեկամները չե՞ն եկել։
Նա չափազանց անհամբեր էր, որովհետև Հանսկեին ընդունելու օրվանից հետո նրա խելացնորությունը խիստ պակասել էր, քանի որ դա, ասում էին, սիրային խելացնորություն է։
Տեսնելով, որ չեն եկել, նա թթվեց․ բայց երբ Սլյուիսի կողմից, դաշտից լսեց ոսկրկուլի ճիչը՝ գնաց դեպի այդ ճիչը։ Անցնելով մարգագետնից՝ մի թումբի ստորոտից, որը շինված էր խռիվներից ու ծածկված էր սիզախոտով, Կատլինը թումբի մյուս կողմից լսեց իրար հետ զրուցող իր երկու բարեկամների ձայնը։
― Կեսը ինձ է հասնում, ― ասաց մեկը։
― Քեզ ոչինչ չի հասնում, ― պատասխանեց մյուսը, ― ինչ որ Կատլինինն է՝ իմն է։
Նրանք սկսեցին մոլեգնորեն կռվել ու վիճել, թե ում կհասնի Կատլինի ու Նելեի ունեցվածքն ու սերը ամբողջովին։ Ահ ու դողով բռնված, չհամարձակվելով ոչ խոսել ոչ էլ շարժվել՝ Կատլինը քիչ անց լսեց, որ կպան իրար, ապա մեկն ասաց․
― Այդ երկաթը սառն է։ ― Ապա լսվեց խռխռոց և մի ծանր մարմնի անկում։
Կատլինը սարսափահար վեր կացավ ու գնաց իր հյուղակը։ Գիշերվա եկուսին նա նորից լսեց ոսկրկուլի սուլոցը, բայց արդեն բանջարանոցից։ Գնաց դուռը բացելու և իր առջև տեսավ միայն իր բարեկամին։
― Ի՞նչ արիր մյուսին, ― հարցրեց նա։
― Նա այլևս չի գա, ― պատասխանեց Հանսկեն։
Ապա գրկեց նրան, գուրգուրեց։ Եվ Կատլինին սովորականից ավելի սառը թվաց նրա մարմինը։
Կատլինի միտքը պայծառ էր։ Երբ Հանսկեն մեկնեց՝ քսան ֆլորին պահանջեց, նրա ամբողջ ունեցածը․ Կատլինը տվեց տասնյոթ ֆլորին։
Մյուս օրը հետաքրքրությունից մղված՝ Կատլինը գնաց թմբի երկայնքով, բայց ոչինչ չտեսավ, եթե ոչ մի մեծ տեղ, որ նման էր մարդու գերեզմանի (արյուն կար կանաչի վրա), որը կոխելուց իջնում էր։ Բայց երեկոյան անձրևը լվաց արյունը։
Հաջորդ երեքշաբթի նա դարձյալ բանջարանոցից լսեց ոսկրկուլի ձայնը։
LXXXII
Ամեն անգամ, երբ Ուլենշպիգելը Կատլինի մոտ ապրելու ընդհանուր ծախսերի համար փողի կարիք էր ունենում, գիշերը գնում էր ջրհորի մոտ, բարձրացնում փորված ծակի վրայի քարը և մեկ հատ կառոլուս վերցնում։
Մի երեկո երեք կանայք զբաղված էին թել մանելով։ Ուլենշպիգելը դանակով քանդակում էր մի փոքրիկ սնդուկ, որ պատվիրել էր ավագ դատավորը և որի վրա նա հմտորեն քանդակում էր որսի մի գեղեցիկ տեսարան՝ Հենոյի շների, Կանդիայի զամփռերի (որ խիստ կատաղի կենդանիներ են), Բրաբանտի զույգ֊զույգ քայլող և ականջակեր կոչվող շների և ուրիշ մոպսերի, քերծեների, գոգերի մի երամ։
Կատլինն էլ այնտեղ էր․ Նելեն հարցրեց Սոոտկինին՝ արդյոք գանձը լա՞վ է պահված, այրին առանց կասկածամտության պատասխանեց, որ ջրհորի մոտի պատից ավելի լավ տեղ չի կարող լինել։
Հինգշաբթի օրը կես գիշերվա մոտ Սոոտկինն արթնացավ Բիբուլուս Շնուֆիուսի ձայնից, որ հաչեց, խիստ սուր, բայց ոչ երկարատև։ Մտածելով, որ դա մի կեղծ տագնապանշան էր՝ նա նորից քնեց։
Ուրբաթ առավոտ լուսաբացին վեր կացան Սոոտկինն ու Ուլնեշպիգելը, բայց սովորականի պես Կատլինին չտեսան խոհանուցում, ոչ օջախը վառած, ոչ էլ կաթը կրակի վրա տաքանալիս։ Նրանք ապշեցին դրանից և նայեցին, թե պատահաբար Կատլինը բանջարանոցում չէ՞։ Այդտեղ էլ տեսան նրան՝ թեև անձրև էր թորթորում՝ հերարձակ, միայն սպիտակեղենը հագին, թրջված ու փետացած, բայց չհամարձակվելով ներս մտնել։
Ուլենշպիգելը մոտեցավ նրան ու ասաց․
― Ի՞նչ ես անում այստեղ համարյա տկլոր՝ երբ անրձրև է գալիս։
― Ա՜, իսկապես, ― ասաց նա, ― ի՜նչպիսի մեծ հրաշք։
Եվ ցույց տվեց շանը՝ խեղդված և փետացած։
Ուլենշպիգելն անմիջապես գանձի մասին մտածեց և վազեց դեպի ջրհորը։ Ծակը դատարկ էր, հողն էլ սփռված շուրջը։
Ոստնելով Կատլինի վրա ու խփելով նրան՝ հարցրեց․
― Որտե՞ղ են կառոլուսնժերը։
― Այո, այո, մեծ հրաշք, ― պատասխանեց Կատլինը։
Նելեն պաշտպանելով իր մորը՝ գոչում էր․
― Ների՛ր Ուլենշպի՛գել, խղճա։
Նա դադարեց ծեծել։ Այդ միջոցին եկավ Սոոտկինը և հարցրեց, թե ի՛նչ է եղել։
Ուլենշպիգելը ցույց տվեց խեղդված շանը և դատարկ ծակը։
Սոոտկինը գույնը գցեց և ասաց․
― Շատ դաժան ես հարվածում ինձ, տե՜ր աստված։ Խե՜ղճ ոտքերս։ Այս խոսքը նա ասաց այն ցավի համար, որ դեռ զգում էր ոտքերի մեջ և այն տանջանքի համար, որ իզուր կրեց ի սեր ոսկի կառոլուսների։ Նելեն տեսնելով Սոոտկինի այդ հեզությունը՝ հուսահատությունից լաց էր լինում։ Կատլինը մագաղաթի մի կտոր օրորելով՝ ասում էր։
― Այո, մեծ հրաշք։ Այս գիշեր նա եկավ բարեսիրտ ու գեղեցիկ։ Նրա դեմքի վրա չկար այն դեղին փայլը, որ այնքան վախեցնում էր ինձ։ Մեծ քնքշությամբ էր խոսում հետս։ Ես սքանչացած էի, սիրտս գնում էր։ Նա ինձ ասաց․ « Ես հիմա հարուստ եմ և շուտով հազար ոսկի ֆլորին կբերեմ քեզ»։ «Այո, ասացի, ես, շատ ավելի քեզ համար եմ ուրախ, քան ինձ համար, Հա՛նսկե, անուշի՛կս»։ «Իսկ այստեղ չունե՞ս մի այլ անձնավորություն, որին սիրում ես և որին ես կարող եմ հարստացնել, ― հարցրեց նա»։ Ոչ, պատասխանեցի, նրանք ովքեր այստեղ են, ամենևին քո կարիքը չունեն»։ «Հպարտ ես դու, ― ասաց նա, ― ուրեմն Սոոտկինը և Ուլենշպիգելը հարո՞ւստ են»։ «Ապրում են առանց մերձավորի օգնության, ― պատասխանեցի»։ «Չնայած բռնագրվամա՞նը, ― հարցրեց նա»։ «Ես էլ դրան պատասխանեցի, որ դուք գերադասել եք տանջանքի ենթարկվել, քան թե թողնել, որ ձեր ունեցվածքը տանեն։ «Այդպես էլ գիտեի, ― ասաց նա։ Եվ նա սկսեց խիստ ծաղրել ավագ դատավորին ու ատենակալներին, որ չէին կարողացել ձեզ խոստովանել տալ։ Այդ միջոցին ես էլ էի ծիծաղում»։ «Այնքան հիմար չէին նրանք, որ փողն իրենց տանը պահեին, ― ասաց նա»։ Ես ծիծաղում էի։ «Ոչ էլ այստեղի նկուղում»։ «Ոչ, ոչ, ― ասացի ես»։ Ոչ էլ բանջարանոցո՞ւմ»։ Ես ոչինչ չասացի։ «Իհարկե, ասաց նա, մեծ անզգուշություն կլիներ դա»։ «Իհարկե, ― ասացի, ― քանի որ միայն ջուրն ու նրա պատը անխոս են»։ Եվ նա շարունակեց ծիծաղել։
Այդ գիշեր նա սովորականից շուտ գնաց՝ ինձ մի դեղափոշի տալուց հետո, որն ընդունելով, ասում էր, ես գնալու էի ամենագեղեցիկ շաբաթահանդեսներից մեկը։ Ես ճանապարհ դրի նրան մինչև բանջարանոցի դուռը՝ միայն շապիկը հագիս, քունը գլխիս։ Եվ ինչպես ասել էր՝ գնացի շաբաթահանդես, վերադարձա լուսաբացին և այստեղ գտա ինքս ինձ․ ապա տեսա խեղդված շունը և դատարկ ծակը։ Դա խիստ ճնշից հարված էր ինձ համար, չէ որ այնքան քնքշագին սիրել եմ նրան ու հոգիս տվել։ Բայց դուք կունենաք այն ամենը, ինչ ես ունեմ, իմ ոտքերն ու ձեռքերը գոծի կդնեմ ձեզ ապրեցնելու համար։
― Ես աղորիքի տակի աղունն եմ, աստված և այդ ավազակ դևը միաժամանակ են հարվածում ինձ, ― ասաց Սոոտկինը։
― Ավազա՞կ․ այդպես մի՛ անվանեք նրան, ― ասաց Կատլինը, ― նա դև է, դև։ Եվ, իբրև ապացույց, ձեզ ցույց կտամ այն մագաղաթը, որ նա թողեց բակում․ այսպես է գրված այդտեղ․ «Երբեք չմոռանաս, որ ծառայում ես ինձ։ Երեք անգամ երկու շաբաթ և հինգ օր հետո ես քեզ գանձը կվերադարձնեմ կրկնապատիկ։ Ամենևին մի՛ կասկածիր, ապա թե ոչ կմեռնես»։ Եվ իր խոսքը կկատարի, վստահ եմ։
― Խե՜ղճ խելագար, ― ասաց Սոոտկինը։
Եվ սա նրա վերջին հանդիմանությունն եղավ։
LXXXIII
Երեք անգամ երկու շաբաթն անցան, ինչպես նաև հինգ օրը, բայց բարեկամ դևը չվերադարձավ։ Այնուամենայնիվ Կատլինն ապրում էր առանց հուսահատվելու։
Սոոտկինն այլևս չէր աշխատում, շարունակ նստում էր կրակի առաջ կորացած և հազում էր։ Նելեն տալիս էր նրան լավագույն և հոտավետ բույսերի ջուրը, բայց ոչ մի դեղ չէր ազդում։ Ուլենշպիգելն ամենևին դուրս չէր գալիս տնից՝ վախենալով, որ Սոոտկինը կարող է մեռնել իր բացակայության միջոցին։
Հասավ այն օրը, որ այրին ինչ որ ուտում էր կամ խմում, փսխում էր։ Եկավ վիրաբույժ սափրիչը և արյուն առավ․ արյուն հանելուց հետո նա այնքան թուլացավ, որ այլևս չէր կարող նստած տեղից վեր կենալ։ Վերջապես կսկիծից ցամաքած՝ նա մի երեկո ասաց․
― Կլաա՛ս, ամուսինս, Թի՛լ, որդյակս․ շնորհակալ եմ․ աստվա՛ծ, հոգիս առ։
Եվ հառաչեց ու մեռավ։
Կատլինը չհամարձակվեց հսկել նրան, ուստի Ուլենշպիգելն ու Նելեն հսկեցին միասին և ամբողջ գիշերը աղոթեցին ննջեցայլի համար։
Այգաբացին լուսամուտից մի ծիծեռնակ ներս մտավ։ Նելեն ասաց․
― Հոգիների թռչունը․ լավ նշան է սա ― Սոոտկինը երկնքումն է։
Ծիծեռնակը երեք անգամ պտտվեց սենյակում, ապա ծլվլալով դուրս թռավ։
Հետո մի ուրիշ ծիծեռնակ ներս մտավ՝ առաջինից ավելի սև։ Նա պտտվեց Ուլենշպիգելի շուրջը․ սա ասաց․
Հա՛յր և մա՛յր, աճյունը բախում է կրծքիս․ ես կանեմ ձեր ուզածը։
Երկրորդն էլ առաջինի պես ծլվալաց ու թռավ գնաց։ Լույսը բացվում էր։ Ուլենշպիգելը հազարավոր ծիծեռնակներ տեսավ, որ մարգագետիններին քսվելով ճախրում էին, և արեգակը ծագեց։
Սոոտկինը թաղվեց աղքատների գերեզմանոցում։
LXXXIV
Սոոտկինի մահից հետո Ուլնեշպիգելը մերթ մտածկոտ, մերթ վշտաբեկ կամ բարկացած թափառում էր խոհանոցում, ոչինչ չէր լսում, ուտելիք և խմիչք ինչ որ տալիս էին՝ ընդունում էր առանց խտրության։ Հաճախ էլ գիշերը վեր էր կենում։
Իզուր Նելեն իր քնքուշ ձայնով հաղորդում էր նրան գոտեպնդվել, իզուր Կատլինն ասում էր, թե Սոոտկինը արքայության մեջ է՝ Կլաասի մոտ, Ուլենշպիգելն ամեն ինչին պատասխանում էր․
― Աճյունը բախում է սրտիս։
Նա նման էր խելքը կորցրած մարդու, և Նելեն լալիս էր նրան այդպես տեսնելով։
Այդ միջոցին ձկնավաճառն ապրում էր իր տանը՝ միայնակ, որպես հայրասպան․ միայն երեկոյան էր համարձակվում դուրս գալ, որովհետև տղամարդ թե կին նրա մոտով անցնելիս ծանակում էին ու մարդասպան անվանում, իսկ երեխաները փախչում էին նրանից, քանի որ ասել էին, թե նա դահիճ է։ Նա թափառում էր միայնակ՝ չհամարձակվելով մտնել Դամմեի երեք գինետներից որևէ մեկը, որովհետև մատով ցույց էին տալիս, և եթե թեկուզ մեկ րոպե մնար կանգնած՝ հաճախորդները դուրս էին գալիս։
Այդ պատճառով էր, որ գինեպանները չէին ուզում այլևս նրան տեսնել, իսկ եթե նա հայտնվում էր՝ դուռը փակում էին նրա առջև։ Այդ ժամանակ ձկնավաճառը խոնարհաբար բողոքում էր, բայց նրանք պատասխանում էին, որ ծախելը իրենց իրավունքն էր և ոչ թե պարտավորությունը։
Պայքարելուց հոգնած ձկնավաճառը գնում էր խմելու Roode Valck֊ում (Կարմիր բազե), որ մի փոքրիկ պանդոկ էր քաղաքից հեռու՝ Սլյուիսի ջրանցքի ափին։ Այդտեղ մատուցում էին նրան, որովհետև աղքատ մարդիկ էին և ուրախությամբ էին փող ընդունում։ Բայց Կարմիր Բազեի տերը նրա հետ չէր խոսում, ոչ էլ նրա կինը։ Այդ պանդոկում կար երկու երեխա և մի շուն․ երբ ձկնավաճառն ուզում էր շոյել երեխաներին՝ նրանք փախչում էին, իսկ երբ կանչում էր շանը, շունն ուզում էր կծել նրան։
Մի անգամ երեկոյան Ուլենշպիգելը կանգնած էր դռան շեմին։ Մաթիսենը՝ տակառագործը, տեսնելով նրան այդպես մտախոհ՝ ասաց․
― Պետք է մի գործի կպչես և մոռանաս այդ կսկիծը։
― Կլաասի աճյունը բախում է կրծքիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Գիտես ինչ, ― պատասխանեց Մատիսենը, ― նա ավելի տխուր է անցկացնում իր օրը, քան թե դու, այդ վշտակոծ ձկնավաճառը, ոչ ոք չի խոսում հետը, ամեն ոք փախչում է նրանից, այնպես որ նա ստիպված է գնալ Roode Valck֊ի խեղճ տնականների մոտ խմելու գարեջրի իր գավը՝ մեն֊մենակ։ Մեծ պատիժ է դա։
― Աճյունը բախում է, ― կրկնեց Ուլենշպիգելը։
Այդ երեկոյան, երբ աստվածամոր տաճարի զանգակատանը խփեց ժամի ինը, Ուլենշպիգելը քայլերն ուղղեց դեպի Roode Valck և, տեսնելով, որ ձկնավաճառն այդտեղ չէ՝ սկսեց ման գալ ջրանցքը եզերող ծառերի տակ։ Պայծառ լուսնկա էր։
Տեսավ, որ գալիս է մարդասպանը։
Եվ երբ նա անցավ իր մոտով՝ Ուլենշպիգելը կարողացավ նրան տեսնել մոտիկից և լսել, որ նա, ինչպես միայնակ ամեն մարդ, ասում է բարձրաձայն․
― Այդ որտե՞ղ պահած կլինեն կառոլուսները։
― Որտեղ սատանան գտել է դրանք, ― պատասխանեց Ուլենշպիգելը՝ բռունցքն իջեցնելով նրա դեմքին։
― Վա՜խ, ― ասաց ձկնավաճառը, ― ճանաչում եմ քեզ, որդի՛ն ես դու։ Խղճա ինձ, ծեր մարդ եմ՝ ուժից ընկած։ Այն, ինչ ես արեցի, ատելությունից մղված չէր, այլ նորին վսեմությանը ծառայելու համար։ Ինձ ներում շնորհիր։ Ես քեզ կվերադարձնեմ իմ գնած կահկարասին՝ առանց մի պատար առնելու քեզնից։ Բավական չէ՞։ Յոթ ոսկի ֆլորին եմ տվել դրանց։ Հետ կստանաս ամեն ինչ, ինչպես նաև կես ֆլորին, որովհետև հարուստ մարդ չեմ, չհավատաս սրա֊նրա ասածին։
Եվ ուզեց ծունկի իջնել Ուլենշպիգելի առաջ։
Ուլենշպիգելը տեսնելով նրան այդքան այլանդակ, փոքրոգի ու դողահար՝ նետեց նրան ջրանցը։
Եվ թողեց գնաց։
LXXXV
Խարույկների վրա ծխում էր զոհերի ճենճը։ Ուլենշպիգելը մտածելով Կլաասի ու Սոոտկինի մասին՝ լալիս էր միայնակ։
Մի երեկո գնաց Կատլինի մոտ վրեժխնդրության միջոց հարցնելու։ Նա մենակ էր Նելեի հետ, որը կար էր անում լամպի մոտ։ Նրա ներս գալուց առաջացած աղմուկի վրա Կատլինը ծանրությամբ բարձրացրեց գլուխը՝ խոր քնից արթնացած կնոջ պես։
Ուլենշպիգելն ասաց․
Կլաասի աճյունը բախում է կրծքիս․ ես ուզում եմ ազատել Ֆլանդրիայի երկիրը։ Դրա միջոցը հարցրի երկնքի ու երկրի աստծուն, բայց նա ինձ չպատասխանեց։
Կատլինն ասաց․
― Աստված չէր կարող քո ձայնը լսել․ դրա համար պետք է նախ և առաջ խոսել տարերքի աշխարհի ոգիների հետ, որոնք երկբնույթ՝ երկնային ու երկրային լինելով՝ ընդունում են խեղճ մարդկանց գանգատները և փոխանցում հրեշտակներին, որոնք էլ հասցնում են աստծու գահին։
― Օգնի՛ր ինձ նպատակիս հասնելու, ― ասաց Ուլենշպիգելը, ― արյամբ կհատուցեմ՝ եթե պետք լինի։
― Կօգնեմ, ― պատասխանեց Կատլինը, ― եթե քեզ սիրող մի աղջիկ ուզենա իր հետ տանել քեզ Գարնան ոգիների շաբաթահանդեսին, որ և Արգասավորության զատիկն է։
― Ես հետս կտանեմ, ― ասաց Նելեն։
Կատլինը բյուրեղյա գավաթի մեջ գորշավուն մի խառնուրդ լցրեց և դրանից տվեց երկուսին էլ խմելու․ ապա այդ խառնուրդով շփեց նրանց քունքերը, ռունգերը, ձեռքերի ափը, դաստակները, հետո մի պտղունց ճերմակ փոշի տվեց նրանց կուլ տալու և ասաց, որ իրար նայեն, որպեսզի նրանց հոգիները դառնան մեկ։
Ուլենշպիգելը նայեց Նելեին, և աղջկա անուշ աչքերը մի մեծ հուր վառեցին նրա մեջ․ հետո խառնուրդի ազդեցությամբ զգաց իբր թե հազարավոր խեցգետիններ ծածկում են իրեն։
Այնժամ նրանք հանվեցին և այդպես գեղեցիկ էին լամպի լույսով լուսավորված, տղան՝ իր հպարտ ուժով, աղջիկն՝ իր գողտրիկ շնորհագեղությամբ։ Բայց նրանք չէին կարողանում տեսնել իրար, որովհետև արդեն ննջածի պես էին։ Հետո Կատլինը Նելեի գլուխը դրեց Ուլենշպիգելի ուսին և բռնելով սրա ձեռքը՝ դրեց աղջկա սրտին։
Եվ այդպես մնացին նրանք՝ իրար մոտ մերկ պառկած։
Եվ երկուսին էլ թվում էր, որ իրենց մարմինները իրար հպվելով առաջացնում են մի մեղմ ջերմություն՝ նման վարդերի ամսվա արևին։
Նրանք վեր կացան, ինչպես հետո էին պատմում, ելան լուսամուտի գոգը, այդտեղից սլացան դատարկության մեջ և զգացին, որ օդն իրենց տանում է, ինչպես որ ջուրը նավերին։
Ապա նրանք այլևս ոչինչ չտեսան, ոչ երկիրը, ուր քնել էին խեղճ մարդիկ, ոչ էլ երկինքը, ուր երբեմն իրենց ոտքերի տակ լողում էին ամպերը։ Նրանք ոտք դրին Շնիկի (Սիրիուս), այդ սառն աստղի վրա, իսկ այդտեղից նետվեցին դեպի բևեռ։
Այդտեղ, ոչ առանց վախենալու, տեսան մի մերկ հսկա՝ Ձմեռ հսկան՝ շեկ մազերով, նստած սառցակոշտերի վրա և թիկնած սառցե մի պատի։ Ջրափոսերում շարժվում էին արջեր ու փոկեր, խռնվում հոտի պես ու ոռնում նրա շուրջը։ Խռպոտ ձայնով նա կանչում էր կարկուտին, ձյանը, ցուրտ հոսանքներին, գորշ ամպերին, կարմրավուն ու գարշահոտ մշուշներին և քամիներին, որոնց մեջ ամենաահեղ ուժով փչում էր հյուսիսային հողմը։ Եվ բոլորն էլ մոլեգնում էին միաժամանակ այդ քստմենլի վայրում։
Ծիծաղելով այդ արհավիրքների վրա՝ հսկան պառկում էր իր իսկ ձեռքով թառամած ծաղիկների, իր իսկ շնչով չորացած տերևների վրա։ Ապա կռանալով ու եղունգներով հողը քերելով, ատամներով կրծելով՝ այդտեղ մի ծակ էր փորում երկրի սիրտը գտնելու ու լափելու համար, ինչպես և սև ածուխ լցնելու այնտեղ, որ սաղարթախիտ անտառներ էին, հարդ՝ այնտեղ, ու ցորեն էր, ավազ՝ բարեբեր հողի տեղը։ Բայց որովհետև երկրի սիրտը հրեղեն էր, ապա նա չէր համարձակվում դիպչել նրան և վեհերոտ նահանջում էր։
Թագավորի պես գահակալում էր նա և դատարկում ծովային կենդանիների ճարպով լի թասը՝ շրջապատված իր արջերով ու փոկերով և այն բոլորի կմախքներով, որոնց սպանել էր ծովում, ցամաքում և խեղճ մարդկանց խրճիթներում։ Նա ուրախ ունկնդրում էր արջերի մռնչոցին, փոկերի կաղկանձին, մարդկանց ու կենդանիների ոսկերոտիքի չխչխկոցին, որ առաջանում էր մսի մի վերջին կտոր փնտրող անգղերի ու ագռավների ճանկերից, ինչպես և սառցակույտերի ժխորին, որ իրար էր բախում մուգ֊պղտոր ջուրը։
Եվ հսկայի ձայնը նման էր մրրիկների մռնչյունին ձմեռային փոթորիկների ու ծխնելույզների մեջ ոռնացող քամիների ժխորին։
― Մրսում եմ, վախենում, ― ասաց Ուլենշպիգելը։
― Սա ոչինչ չի կարող անել ոգիների դեմ, ― պատասխանեց Նելեն։
Հանկարծ մի մեծ շարժում առաջացավ կենդանիների մեջ, փոկերը շտապ֊շտապ մտան ջուրը, արջերը սարսափից ականջները կախ գցելով աղիողորմ ոռնացին, ագռավները ահից կռկռալով անհետացան ամպերի մեջ։
Այդ միջոցին Նելեն և Ուլենշպիգելը բաբանի խուլ հարվածներ լսեցին այն սառցե պատից, որին թիկնել էր Ձմեռ հսկան։ Եվ պատը ճեղքվեց ու հիմքերից խարխլեց։
Բայց Ձմեռ հսկան ոչինչ չէր լսում, հաչում ու ոռնում էր ուրախ֊զվարթ, լցնում ու դատարկում էր հեղուկ ճարպի թասը, որոնում երկրի սիրտը՝ սառեցնելու համար և չէր համարձակվում դիպչել նրան։
Սակայն հարվածներն ավելի ուժգին էին թնդում, պատն ավելի էր ճեղքվում, իսկ փայլատակումների պես թռչող սառույցների անձրևը չէր դադարում թափվել նրա շուրջը։
Իսկ առջերն անընդհատ ոռնում էին աղեկտուր, փոկերը ողբագին հեծեծում մուգ պղտոր ջրերի մեջ։
Պատը փլվեց, երկինքը լուսավորվեց։ Այդտեղից մի մարդ իջավ՝ մերկ ու գեղատեսիլ, ձեռքը հենած մի ոսկե կացնի։ Այդ մարդը Լուցիֆերն էր (Լուսաբերը)՝ Գարնան արքան։
Երբ հսկան տեսավ նրան՝ դեն շպրտեց իր ճարպի թասը և խնդրեց, որ իրեն չսպանի։
Եվ Գարնան արքայի գաղջ շնչից Ձմեռ հսկան կորցրեց ամենայն զորություն։ Այնժամ արքան ադամանդե շղթաներով կապկպեց հսկային ու շղթայեց բևեռին։
Հետո կանգ առավ ու աղաղակեց, բայց քնքշագին ու սիրավառ։ Եվ երկնքից իջավ մի խարտյաշ կին՝ մերկ ու գեղանի։ Նա կանգնեց արքայի մոտ և ասաց․
― Դու ինձ հաղթողն ես և իմ սիրածը, ո՜վ ուժեղ մարդ։
Արքան պատասխանեց․
― Եթե քաղցած ես՝ կեր, եթե ծարավ ես՝ խմիր, եթե վախենում ես՝ մոտս կաց, ես քո պաշտպանն եմ։
Ես միայն քեզ եմ անոթի ու ծարավի, ― ասաց կինը։
Արքան յոթ անգամ ևս աղաղակեց զարհուրիկ։ Եվ առաջացավ որոտմունքի ու փայլակների մի վիթխարի ժխոր, ապա նրա հետևը կազմեց արևների ու աստղերի մի ամպհովանի։ Եվ նրանք բազմեցին գահերի վրա։
Այնժամ արքան ու կինը առանց իրենց վեհատեսիլ դեմքը շարժելու, չգործելով իրենց ուժին և վսեմաշուք անդորրին հակասող որևէ ժեստ՝ աղաղակեցին։
Այդ աղաղակների վրա ալեծուփ մի շարժում առաջացավ երկրի տակ, կարծր ապառաժների ու սառցաբեկորների մեջ։ Նելեն և Ուլենշպիգելը մի աղմուկ լսեցին, որ նման էր իրենց կտցի հարվածներով հսկայական ձվերի կճեպը ջարդել ուզող վիթխարի թռչունների կտցահարման ձայնին։
Եվ ծովի ալիքների պես ելնող ու իջնող գետնի այդ ամեհի շարժման մեջ կային ձվի նման ձևեր։
Հանկարծ ամեն կողմից դուրս եկան խառնիճաղանջ ու չոր ճյուղերով ծառեր, որոնց բները հարբած մարդկանց պես օրորվում էին։ Ապա նրանք հետ֊հետ քաշվեցին՝ մի ընդարձակ, դատարկ տարածություն առաջացնելով։ Երերուն գետնից դուրս եկան երկրի ոգիները, անտառի խորքից՝ ծառերի ոգիները, մոտակա ծովից՝ ջրի ոգիները։
Ուլենշպիգելն և Նելեն այդտեղ տեսան գանձերի գաճաճ պահապաններին՝ կուզլիկ, մեծ թաթերով, փրչոտ, տգեղ ու ծամածռոտ, քարերի իշխաններին, ծառերի տերերին, որոնք ծառերի տակ էլ ապրում էին և բերանի ու ստամոքսի փոխարեն արմատների մի փունջ էին կրում դեմքի տակ, որպեսզի այդ ձևով իրենց սնունդը ծծեն երկրի կրծքից․ հանքերի տիրակալներին, որոնք ոչ խոսել կարող էին, ոչ էլ սիրտ ու աղիք ունեին և շարժվում էին ինքնաբերաբար։ Այդտեղ էին և մսի ու ոսկորի գաճաճները, որոնք մողեսի պոչ, դոդոշի գլուխ ունեին՝ վրան լապտերներ, և գիշերները ցատկում էին հարբած հետիոտնի կամ երկչոտ ուղևորի ուսերին, ինջնում այդտեղից, ցնցում իրենց լապտերները, ջրափոսերն ու խորշերը քաշում խեղճ ողորմելիներին, որոնք կարծում են, թե այդ լապտերը իրենց կացարանում վառվող մոմն է։
Այդտեղ էին և ծաղկահարսները՝ կանացի ուժի և առողջության ծաղիկները, մերկ, երբեք չշիկնելով, հպարտ իրենց գեղեցկությամբ, ունենալով որպես միակ հանդերձ իրենց վարսերը։ Նրանց խոնավ աչքերը փայլում էին ինչպես սադափը ջրի մեջ․ նրանց մարմնի մկանունքը պիրկ էր, ճերմակ ու ոսկեշող․ նրանց կիսաբաց բերանից ելնում էր հասմիկից ավելի հոտավետ մի շունչ։
Նրանք են, որ երեկոները թափառում են պարկերում ու պարտեզներում, պուրակների խորքում, ստվերոտ արահետներում՝ սիրահար և զվարճանալու համար տղամարդու որևէ հոգի որոնելով։ Հենց որ նրանք պատահում են մի երիտասարդ տղայի ու մանկահասակ աղջկա՝ փորձում են սպանել աղջկան, բայց չկարողանալով՝ փչում են դեռ տատանվող այդ տատրակին սիրո ցանկություն, որպեսզի նա անձնատուր լինի սիրեկանին, որովհետև այդ դեպքում ծաղկահարսն ստանում է համբյուրների կեսը։
Ուլենշպիգելն և Նելեն տեսան նաև երկնի բարձրունքներից իջնող աստղերի պաշտպան ոգիներ, քամիների, սյուքի ու անձրևի ոգիներ՝ թևավոր երիտասարդներ, որ արգասավորում են հողը։
Ապա երկնքի բոլոր կետերից երևացին հոգիների թռչունները՝ գողտրիկ ծիծեռնակներ։ Երբ դրանք մոտեցան՝ լույսն ավելի ուժեղ թվաց։ Ծաղկահարսները, քարերի իշխանները, հանքերի տիրակալները, ծառերի տերերը, ջրի, կրակի ու երկրի ոգիները միասին գոչեցին․ «Լո՜ւյս, հյո՜ւթ, փա՜ռք Գարնան արքային»։
Նրանց միահամուռ գոչյունների ժխորը, թեև ավելի հզոր էր, քան մոլեգնած ծովի աղմուկը, քան երկնքի որոտը կամ հարավային սանձակոտոր քամու մռնչյունը՝ այնուամենայնիվ դա հնչեց որպես մի խստաշունչ երաժշտություն Նելեի և Ուլենշպիգելի ականջին, որոնք անշարժ ու անշշուկ կծկվել էին մի մեծ կաղնու խորդուբորդ բնի հետևը։
Բայց նրանք շատ ավելի վախեցան, երբ ոգիները հազարներով տեղ գրավեցին այնպիսի նստարանների վրա, որոնք վիթխարի սարդեր էին, փղի մեծությամբ դոդոշներ, իրար գալարված օձեր, պոչի վրա կանգնած կոկորդիլոսներ՝ երախի մեջ ոգիների մի խումբ, օձեր, որոնք երեսունից ավելի գաճաճ աղջիկներ էին կրում իրենց գալարուն մարմնի վրա հեծած, ուրիշ հարյուր հազարավոր միջատներ՝ Գողիաթից ավելի մեծ, զինված սրերով, նիզակներով, ատամնվոր գերանդիներով, յոթմատնանի եղաններով և ամեն տեսակ ուրիշ զարհուրելի, մահաբեր գործիքներով։ Նրանք կռվում էին իրար հետ ահռելի աղմուկ աղաղակով ցույց տալիս, որ մահը կազմված է Կյանքից, իսկ Կյանքը՝ մահից։
Այդ վխտացող, սեղմված ու խառնիճաղանջ ոգիների ահագին բազմությունից ելնում էր մի աղմուկ, որ նման էր խուլ որոտի և իրար հետ աշխատող հարյուրավոր արհեստագործների՝ ջուլհակների, թաղիք լմկողների ու փականագործների միախառն ժխորին։
Հանկարծ երևացին հյութի ոգիները՝ կարճլիկ, մարմնեղ, լայն իրաններով՝ ինչպես Հայդելբերգի խոշոր տակառը, հաստ զիստերով՝ ինչպես գինու կարաս, և այնպես տարօրինակ կերպով հուժկու, զորեղ մկաններով, որ ասես նրանց մարմինը կազմված էր հսկայական ձվերից ու իրար միացնող փոքրիկ հոդերից և ծածկված իրենց ցանցառ մորուքի ու շեկ մազերի պես փայլող կարմիր, ճարպոտ մաշկով։ Նրանք բռնած ունեին արտասովոր խմիչքով լեցուն գավեր։
Երբ ոգիները տեսան նրանց գալը՝ ցնծության մեծ իրարանցում առաջ եկավ նրանց մեջ, ծառերն ու բույսերը ալեկոծվեցին, հողը ճեղքվեց կենարար ջուր խմելու համար։
Եվ հյութի ոգիները գինի լցրին․ անմիջապես ամեն ինչ փթթեց, կանաչազարդվեց, ծաղկեց, դալարիքը լցվեց բզզացող միջատներով, երկինքը ծածկվեց թռչուններով ու թիթեռնիկներով։ Ոգիները շարունակ լցնում էին, իսկ ներքևում եղողները գինին ընդունում՝ ինչքան կարողանում էին․ ծաղկահարսները բացում էին իրենց բերանը կամ ոստոստում իրենց շիկահեր մատռվակների շուրջը, համբուրում նրանց՝ ավելի շատ ստանալու համար․ ոմանք կցում էին ձեռքերը ի նշան աղոթքի, ուրիշներն էլ սրբակյաց կերպով թողնում էին, որ ցողվի իրենց վրա․ բայց ամենքն էլ ծարավի կամ տոչորած, թռչելիս կամ կանգնած, վազելիս կամ անշարժ՝ ճգնում էին կենարար գինի ստանալ և ձեռք բերած ամեն մի կաթիլից ավելի էին աշխուժանում։ Ամենևին ծերունի չկար այդտեղ, այլ ամենքն էլ տգեղ թե գեղեցիկ՝ լի էին մատղաշ ուժով և կենսախինդ երիտասարդությամբ։
Եվ նրանք ծիծաղում էին, ճվճվում, երգում՝ իրար հետապնդելով ծառերի վրա սկյուռների պես, օդում՝ թռչունների պես, և ամեն մի արու որոնում էր իր էգին՝ աստծու երկնքի տակ կատարելով բնության սուրբ գործը։
Եվ հյութի ոգիները մատուցեցին արքային և թագուհուն մի մեծ թաս, որ լի էր իրենց գինով։ Եվ արքան և թագուհին խմեցին դա և գրկախառնվեցին։
Ապա արքան իրեն փաթաթված թագուհուն պահած՝ ծառերի, ծաղիկների ու ոգիների վրա ցողեց իր թասի մնացորդը և գոչեց․
― Փա՜ռք Կյանքին, փա՜ռք ազատ օդին, փա՜ռք Ուժին։
Եվ ամենքը արձագանքեցին․
― Փա՜ռք բնությանը, փա՜ռք Ուժին։
Ուլենշպիգելն իր գիրկն առավ Նելեին։ Երբ նրանք այսպես գրկախառնված էին՝ սկսվեց մի պար, հողմապտույտ պար՝ նման թարթառից հավաքվող տերևների, ուր ամեն ինչ ելևեջում էր, տատանվում՝ ծառ, բույս, միջատ, թիթեռ, երկինք ու երկիր, թագավոր ու թագուհի, ծաղկահարսներ, հանքերի տիրակալներ, ջրերի ոգիներ, կուզլիկ գաճաճներ, անասունների տերեր, լապտերակիրներ, աստղերի պաշտպան ոգիներ և հարյուր հազարավոր զարհուրիկ միջատներ՝ իրար խառնած իրենց նիզակները, ատամնավոր գերանդիները, յոթմատնանի եղանները․ և այս գլխապտույտ պարին, որ թավալվելով լցնում էր տարածությունը, մասնակցում էին արեգը, լուսինը, մոլորակերը, աստղերը, քամին ու ամպերը։
Եվ այն կաղնին, որին կառչել էին Նելեն և Ուլենշպիգելը, թավալվում էր հողմապտույտի մեջ, և Ուլենշպիգելն ասում էր Նելեին․
― Անուշի՛կս, սա մեր վախճանն է։
Մի ոգի լսեց նրանց ձայնը և տեսավ, որ դրանք մահկանացուներ են։
― Մարդի՜կ, ― գոչեց նա, ― մարդիկ կան այստե՜ղ։
Եվ նա պոկեց նրանց ծառից ու նետեց բազմության մեջ։
Եվ Ուլենշպիգելն ու Նելեն մեղմորեն ընկան ոգիների մեջքի վրա, որոնք իրար շպրտելով նրանց՝ ասում էին․
― Ողջո՜ւյն մարդկանց, բարի գալուստ երկրի ճիճուներին։ Ո՞վ է ուզում այս պատանուն ու աղջկան։ Այս տկար արարածները այցի են եկել մեզ։
Եվ Ուլենշպիգելն ու Նելեն թռչում էին մեկից մյուսին՝ գոչելով․
― Խղճացե՜ք։
Սակայն ոգիները չէին լսում նրանց աղերսը, և երկուսն էլ թռչկոտում էին՝ ոտքերը վեր, գլուխները վար, թավալապտույտ լինելով ձմռան քամուց քշվող փետուրի պես, իսկ ոգիներն ասում էին․
― Ապրեն մարդուկն ու աղջնակը, որ պարում են մեզ հետ։
Ծաղկահարսներն ուզելով Նելեին բաժանել Ուլենշպիգելից՝ ծեծում էին նրան, և կսպանեին, եթե Գարնան արքան ձեռքի մի շարժումով պարը դադարեցնելով չգոչեր․
― Ինձ մոտ բերեք այդ երկու լվերին։
Եվ նրանց բաժանեցին իրարից, իսկ ամեն մի ծաղկահարս ջանալով Ուլենշպիգելին խլել իր ախոյանուհիներից՝ ասում էր․
Թի՛լ, չէի՞ր ուզենա մեռնել ինձ համար։
― Հիմա կմեռնեմ, ― պատասխանում էր Ուլենշպիգելը։
Եվ անտառների թզուկ ոգիները, որ տանում էին Նելեին, ասում էին․
― Ինչո՞ւ դու մեզ պես ոգի չես, որ կարողանայինք տիրանալ քեզ։
Նելեն պատասխանում էր․
― Համբերություն ունեցեք։
Այդպես նրանք հասան արքայի գահույքին և սաստիկ վախեցան՝ տեսնելով նրա ոսկե կացինը և երկաթե թագը։
Արքան ասաց նրանց․
― Ի՞նչ անելու եք եկել այստեղ, տկարնե՛ր։
Նրանք չպատասխանեցին։
― Ես քեզ ճանաչում եմ, կախարդի ճո՛ւտ, ― ասաց արքան, ― և քե՛զ՝ ածխավաճառի՛ վիժվածք․ բայց եթե կախարդանքի ուժով կարողացել եք թափանցել բնության այս արհեստանոցը՝ էլ ինչո՞ւ եք հիմա կտուցներդ փակել փափուկ հացով բերանը թխմած որձատ աքաղաղների պես։
Նելեն դողում էր՝ նայելով ահարկու դևին, բայց Ուլենշպիգելը վերագտնելով իր առնական վստահությունը՝ պատասխանեց․
― Կլաասի աճյունը բախում է սրտիս։ Աստվածայի՛ն բարձրություն, մահը ման է գալիս Ֆլանդրիայի երկրում և պապի անունից հնձում ամենաուժեղ մարդկանց, ամենագողտրիկ կանանց․ սովը կրծում է երկիրը, ջուլհակներն ու մահուդագործները հեռանում են՝ օտարերկրացու մոտ ազատ աշխատանք գտնելու համար։ Ֆլանդրիան շուտով կմեռնի՝ եթե օգնության չհասնեն նրան։ Ձե՛րդ բարձրություններ, ես մի խեղճ, չնչին մարդ եմ աշխարհ եկած ինչպես ամեն ոք, ապրել եմ՝ ինչպես կարողացել եմ, անկատար, կարճ խելքով, տգետ, ոչ առաքինի, ամենևին ժուժկալ, անարժան ո՛չ մարդկային, ո՛չ էլ աստվածային որևէ շնորհքի։ Սակայն Սոոտկինը մեռավ չարչարանքի ու վշտի հետևանքներից, Կլաասն այրվեց ահավոր կրակի մեջ, և ուզեցի լուծել նրանց վրեժը, և մեկ անգամ էլ լուծեցի․ ես ուզեցի նաև երջանիկ տեսնել այն խեղճ երկիրը, ուր սփռված են նրա ոսկորները, և աստծուց խնդրեցի հալածողների մահը, բայց նա ինձ չլսեց։ Գանգատվելուց հոգնած՝ ես կոչում արի ձեզ Կատլինի դյութանքի զորությամբ, և մենք՝ ես ու իմ դողդոջուն ընկերուհին եկել ենք առ ոտն ձեր՝ աստվածայի՛ն բարձրություններ, խնդրելու փրկել այդ թշվառ երկիրը։
Կայսրն ու նրա ընկերուհին միասին պատասխանեցին․
Ռազմով ու հրով,
Մահվամբ ու սրով
Փնտրի՛ր Յոթնյակը։
Արցունքի ու արյան մեջ,
Ավերակի ու մահվան մեջ
Գտի՛ր Յոթնյակը։
Դաժան ու այլանդակ,
Տգեղ, չարագուշակ՝
Բուն չարիքներն
Այդ խեղճ երկրի․
Վառի՛ր Յոթնյակը։
Սպասիր, լսիր ու տե՛ս,
Ասա՛, մարդո՛ւկ, միթե գոհ չե՞ս
Գտնելու Յոթնյակը։
Եվ բոլոր ոգիներն սկսեցին միասին երգել․
Արցունքի ու արյան մեջ,
Ավերակի ու մահվան մեջ
Գտի՛ր Յոթնյակը։
Սպասիր, լսիր ու տես,
Ասա՛, մարդո՛ւկ, միթե գոհ չե՞ս
Գտնելու Յոթնյակը։
― Բայց, Ձերդ բարձրություն, և դուք՝ պարոնայք ոգինե՛ր, ես բան չեմ հասկանում ձեր լեզվից։ Դուք անշուշտ ծաղրում եք ինձ։
Սակայն ոգիները առանց ուշք դարձնելու նրան՝ շարունակեցին․
Երբ որ հյուսիսը
Ու մայրամուտը
Համբուրեն միմյանց՝
Այդ կլինի վախճանն
Ավերածության։
Գտիր Յոթնայկը
Եվ մեջքիդ կապը։
Եվ նրանք երգում էին սա այնպիսի մեծ համանվագությամբ և այնպիսի ահարկու հնչեղությամբ, որ երկիրը ցնցվեց և երկինքը սարսռաց։ Եվ թռչունները վախից սուլելով, բուերը վայելով, ճնճղուկները ճվճվալով, ոսկրկուլները կռնչալով խելակորույս թռչկոտում էին։ Եվ երկրի կենդանիները՝ առյուծ, օձ, արջ, եղջերու, այծամ, գայլ, շուն ու կատու, մռնչում էին, ֆշշում, բառաչում, ոռնում, հաչում ու մլավում էին ահեղաձայն։
Իսկ ոգիները երգում էին․
Սպասիր, լսիր, ու տե՛ս,
Սիրի՛ր Յոթնակը
Եվ մեջքիդ կապը։
Այստեղ աքաղաղները կանչեցին, ու բոլոր ոգիները չքվեցին, բացի հանքերի մի չար տիրակալից, որ բռնելով Ուլենշպիգելի և Նելեի թևերից՝ անխղճորեն նետեց նրանց դատարկ անեզրության մեջ։
Նրանք սթափվեցին իրար կողքի պառկած՝ ցնցվելով ու սրսփալով, ինչպես վաղորդյան ցուրտ հովից։
Եվ Ուլենշպիգելը տեսավ Նելեի գողտրիկ մարմինը՝ ամբողջովին ոսկեշաղ ծագող արեգական շողերից։
Գիրք երկրորդ
I
Սեպտեմբերյան այդ առավոտը Ուլենշպիգելն առավ իր ցուպը, երեք ֆլորին, որ Կատլինն էր տվել, խոզի թոքի մի կտոր, հացի մի հաստ շերտ և, մեկնելով Դամմեից, դիմեց դեպի Անտվերպեն, փնտրելու Յոթյակը։ Նելեն քնած էր դեռ։
Ճանապարհին մի շուն ընկավ նրա հետևից, թոքի պատճառով հոտոտել սկսեց ու ցատկոտել սրունքներն ի վեր։ Ուլենշպիգելն ուզեց քշել նրան, բայց տեսնելով, որ շունը համառորեն հետևում է իրեն՝ հետևյալ խրատը կարդաց նրան․
― Շնի՛կ, սիրունի՛կս, անմիտ բան ես արել՝ թողնելով քո բնակարանը, ուր քեզ սպասում են համեղ լակ, ճաշի պատվական մնացորդներ, ծուծով լի ոսկորներ, և արկածախնդրության ճանապարհը բռնելով հետևելու ես մի թափառականի, որ գուցե միշտ արմատներ անգամ չունենա քեզ կերակրելու համար։ Հավատա՛ ինձ, անխոհե՛մ շնիկ, վերադարձիր տիրոջդ մոտ։ Խուսափիր անրձևներից, ձյունից, կարկուտից, ձյունախառն անձրևից, մշուշից, սառույցից և նման պասու ապուրներից, որ իջնում են թափառական մարդկանց վրա։ Կա՛ց օջախի մոտ և տաքացի՛ր թեժ կրակի առաջ կլորիկ կծկված։ Թող որ ես շարունակեմ ճանապարհս ցեխի ու փոշու մեջ, ցրտին ու շոգին, այսօր խանձված, վաղը փետացած, ուրբաթ օրը կուշտ տռզած, կիրակի՝ քաղցից չորացած։ Խելացի բան արած կլինես, ամփո՛րձ շնիկ, եթե վերադառնաս այնտեղ, որտեղից գալիս ես։
Շունը Ուլենշպիգելին հասկանալու որևէ նշան ցույց չէր տալիս։ Պոչը շարժելով և անվերջ ցատկոտելով՝ նա հաչում էր հետևից։ Մոտ մի մղոն (լիյո) այդպես գնալուց հետո նա տեսավ ճանապարհի վրա մի սայլակ, որ քաշում էր մի գլխահակ էշ։ Ճանապարհի եզրին, զառիթափի վրա, ուղտափշի երկու փնջիկի միջև նստել էր մի գեր մարդ՝ մի ձեռքով բռնած ոչխարի մի ճուռ, որը կրծում֊ուտում էր, մյուս ձեռքով մի շիշ, որի հեղուկն էր ծծում։ Երբ այդ մարդը չէր ուտում ու խմում՝ հեծեծում էր ու լալիս։
Տեսնելով, որ Ուլենշպիգելը կանգ առավ՝ շունն էլ նույնն արավ, ապա մսի ու թոքի հոտ առնելով՝ վազեց դեպի զառիվայրը։ Այստեղ նստեց մարդու մոտ և սկսեց ճանկռել նրա բաճկոնակը՝ ճաշկերույթից իր բաժինն ստանալու համար։ Բայց մարդը արմունկով քշելով նրան և մսի ճուռը վեր բարձրացնելով՝ աղիողորմ հեկեկում էր։ Շունը բուռն ցանկությունից մղված՝ ընդօրինակեց նրան։ Էշը զայրացած՝ սայլակին լծված լինելուց և այդ պատճառով չկարողանալով հանսել ուղտափշերին՝ սկսեց զռալ։
― Ի՞նչ ես ուզում, Յա՛ն, ― հարցրեց մարդն էշին։
― Ոչինչ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― միայն մի բան կուզենար՝ նախաճաշել այդ ուղտափշերը, որ ծաղկած են ձեր կողքերին, ինչպես Տեսենդերլոոյի եկեղեցու միջնաբեմում մեր տեր Հիսուս Քրիստոսի կողքերին ու գլխավերևը։ Այս շունն էլ ամենևին չի բարկանա, եթե ծնոտների շփում ունենար ա՛յ, այդ ձեր բռնած ոսկորի հետ։ Մինչ այդ ես կտամ նրան իմ մոտ եղած թոքի կտորը։
Երբ շունը թոքը կերավ պրծավ, մարդը նայեց իր ոսկորին, դարձյալ կրծեց այն՝ մնացած միսն էլ պոկելու համար, ապա մերկացած ոսկորը տվեց շանը, որ թաթերը վրան դնելով սկսեց կանաչ խոտի վրա անուշ անել։
Հետո մարդը նայեց Ուլենշպիգելին, որը ճանաչեց Լամմե Գուդզակին Դամմե քաղաքից։
Լամմե՛, ― ասաց նա, ― ի՞նչ ես անում այստեղ ուտելով, խմելով ու արտասվելով։ Հո որևէ անպատկառ գուգազ ականջներդ չի՞ քաշել։
― Ավա՜ղ, կի՜նս, ― ասաց Լամմեն։
Նա ուզում էր դատարկել գինու շիշը, բայց Ուլենշպիգելը բռնեց նրա բազուկը։
― Այդպես մի խմի՛ր, ― ասաց նա, ― որովհետև իրար վրա խմելը միայն երիկամներին կարող է ծառայել։ Ավելի լավ կլինի, որ մի քիչ զիջես նրան՝ ով ամենևին գինի չունի։
― Լավ ես խոսում, ― պատասխանեց Լամմեն, ― բայց լավագույնս կարո՞ղ ես խմել արդյոք։ ― Եվ շիշը պարզեց նրան։
Ուլենշպիգելը վերցրեց շիշը, դատարկեց այն և վերադարձնելով Լամմեին՝ ասաց․
― Իսպանացի[26] անվանիր ինձ՝ եթե մեջը մնացել է թեկուզ մի ճնճղուկ հարբեցնելու չափ։
Լամմեն նայեց շշին և առանց հեծեծանքն ընդհատելու՝ փորփրեց իր պայուսակը, մի ուրիշ շիշ և մի ուրիշ կտոր երշիկ հանեց, որն սկսեց շերտ֊շերտ կտրել և մելամաղձոտ կերպով ծամել։
― Անվերջ ուտո՞ւմ ես, Լամմե՛, ― հարցրեց Ուլենշպիգելը։ ― Հաճախ, որդյա՛կս, ― պատասխանեց Լամմեն, ― բայց տխուր մտածմունքներս փարատելու համար եմ ուտում։ Ո՞ւր ես դու, կնիկս, ― ասաց նա արցունքը սրբելով և ապուխտից էլի մի տասը շերտ կտրեց։
― Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ― այդքան արագ մի կեր և խեղճ ուխտավորիս հանդեպ անգութ մի՛ եղիր։
Լամմեն լաց լինելով չորս շերտ կտրեց, և Ուլենշպիգելը կերավ դրանք, և նրա սիրտը մեղմացավ նրանց հաճելի համից։
Բայց Լամմեն շարունակելով լալ և ուտել՝ ասաց․
― Կնի՜կ, իմ անուշիկ կնիկ․ որքան քաղցրաբարո էր նա և մարմնով բարեկազմ, թիթեռնիկի պես թեթև, կայծակի պես աշխույժ, արտույտի պես գեղեցկաձայն։ Սիրում էր պճնվել գեղեցիկ զարդարանքներով, որ այնքան պատշաճում էին նրան։ Բայց չէ՛ որ ծաղիկներն էլ լավ արդուզարդ են ունենում։ Եթե, որդյակ իմ, տեսած լինեիր նրա քնքուշ ձեռքերը, ստեղծված լոկ գուրգուրանքի համար, ամենևին թույլ չէիր տա, որ նրանք դիպչեն աման֊չամանի։ Խոհանցի կրակը կսևացներ լույսի պես պայծառ նրա մաշկը։ Եվ ինչպիսի՜ աչքեր։ Խանդաղատանքից սիրտս հալչում էր նրանց նայելիս։ Գինուց մի կում քաշիր, ես քեզնից հետո կխմեմ։ Ա՜խ, ավելի լավ էր մեռած լիներ։ Ամբողջ տնային գործը ինքս էի անում, Թի՛լ, որպեսզի նվազագույն աշխատանք էլ չաներ․ ավլում էի տունը, գցում էի ամուսնական անկողինը, որի վրա երեկոները փռվում էր նա՝ հաճույքից ու անգործությունից թուլացած․ լվանում էի ամանեղենը, ինչպես նաև սպիտակեղենը, որ ինքս էլ հարթուկում էի։ Կե՛ր, Թիլ, Գենտի երշիկ է սա։ ― Հաճախ, զբոսանքի գնալու օրերին, շատ ուշ էր գալիս ճաշելու․ բայց այնքան հաճելի էր ինձ համար նրան տեսնելը, որ չէի համարձակվում հանդիմանել նրան և խիստ երջանիկ էի զգում ինձ, երբ չէր փքվում և գիշերը մեջքը չէր դարձնում ինձ։ Հիմա այդ ամենը կորցրել եմ։ Խմի՛ր այս գինին, բրյուսելյան խաղողից է՝ բուրգունդական եղանակով պատրաստված։
― Իսկ ինչո՞ւ փախավ, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Ի՞նչ իմանամ, ― պատասխանեց Լամմե Գուդզակը։ ― Ո՞ւր են այն օրերը, երբ գնում էի նրա մոտ ամուսնանալու դիտավորությամբ՝ նա վախից ու սիրուց փախչում էր ինձնից։ Երբ նրա բազուկները մերկ էին լինում, կլորիկ, ճերմակ գեղեցիկ բազուկներ, և նա տեսնում էր, որ ես դիտում եմ դրանք, հանկարծ չգիտես ինչպես իջեցնում էր թևքերը։ Ուրիշ անգամներ էլ ենթարկվում էր իմ գգվանքին, և ես կարող էի համբուրել նրա սիրուն աչքերը, որ նա փակում էր, ինչպես և նրա պիրկ ու լայն ծոծրակը, այդ պահերին նա ցնցվում էր, կամացուկ ճվճվում և գլուխը ետ թեքելով մի հարված էր հասցնում քթիս։ Եվ ծիծաղում էր, երբ ասում էի «Վա՜խ» ու սիրագորով թմփացնում էի նրան․ և այդ ամենը խաղ ու ծիծաղ էր մեզ համար։ ― Թի՛լ, շշի մեջ գինի մնացե՞լ է։
― Այո, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Լամմեն խմեց ու շարունակեց խոսքը․
― Երբեմն էլ սաստիկ սիրատարափ՝ նա փաթաթվում էր վզովս ու ասում․ «Ինչքա՜ն գեղեցիկ ես»։ Եվ խելագարի պես համբուրում էր ինձ ու հարյուր անգամ իրար հետևից՝ երեսս կամ ճակատս, իսկ բերանս՝ երբեք․ իսկ երբ հարցնում էի, թե ի՛նչն է պատճառը այդ մեծագույն վերապահության՝ այս լայն ազատության մեջ, նա վազեվազ գնում էր բերում սնդուկի վրա դրված տիկնիկը՝ մետաքսե շորերով ու մարգարտանման ուլունքներով զարդարված, և թափահարելով նրան ու օրորելով ասում․ «Չեմ ուզում այսպիսին»։ Անտարակույս մայրը նրան առաքինի պահելու նպատակով ասել էր, որ երեխաները բերանը համբուրելուց են լինում։ Ա՜խ, քա՜ղցր վայրկյաններ, քնքո՜ւշ գգվանքներ։ ― Թի՛լ, մի տես ապուխտ չկա՞ այդ որսապարկի գրպանում։
― Մի կիսատ ճուռ, ― պատասխանեց Ուլենշպիգելը և տվեց Լամմեին, որն ամբողջովին կերավ այն։
Ուլենշպիգելը տեսնելով նրա արածը՝ ասաց․
― Այդ ճուռը խիստ օգտակար է իմ ստամոքսի համար։
― Նույնպես և իմ, ― ասաց Լամմեն՝ եղունգներով ատամները քչփորելով։ ― Բայց այլևս նրան չեմ տեսնի՝ իմ գեղեցկուհուն․ նա փախել է Դամմեից։ Ուզո՞ւմ ես միասին որոնենք նրան իմ սայլակով։
― Ուզում եմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Բայց մի՞թե ոչինչ չկա շշի մեջ, ― հարցրեց Լամմեն։
― Ոչինչ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Եվ նրանք բարձրացան սայլակը։ Էշը տխրագին կերպով հնչեցրեց մեկնումի զռոցը և շարժվեց։
Իսկ շունը շունը կուշտ կերած՝ թողել գնացել էր առանց մի բառ ասելու։
II
Սայլակն անցնում էր լճակի ու ջրանցքի միջև գտնվող թմբի մոտով, և Ուլենշպիգելը խիստ մտազբաղ՝ շոյում էր կրծքի վրա Կլաասի աճյունը։ Նա մտածում էր՝ տեսիլքը խաբեություն էր, թե՞ ճշմարտություն, այդ ոգիները ծիծաղել էին իր վրա, թե՞ հանելուկային ձևով ասել էին այն, ինչ իրոք պետք էր գտնել պապենական երկիրը երջանկացնելու համար։
Զուր չարչարում էր իր միտքը և չէր կարողանում իմանալ, թե ի՛նչ է նշանակում Յոթնյակը և Մեջքի կապը։
Մտքում թվում էր մեռած կայսրեր, կենդանի թագավորին, երկրի կառավարչուհուն, Հռոմի պապին, մեծ ինկվիզիտորին, ճիզվիտների գեներալին և դրանց մեջ գտնում երկրի վեց մեծ դահիճներին, որոնց կուզենար անմիջապես ողջ֊ողջ այրել։ Բայց եզրակացրեց, որ դրանք չեն, որովհետև սրանք իրենք էին հաճությամբ այրում։ Ուստի մի այլ տեղ պետք է որ լինեն նրանք։
Եվ շարունակ մտքում կրկնում էր․
Երբ որ հյուսիսը
Ու մայրամուտը
Համբուրեն միմյանց՝
Այդ կլինի վախճանն
Ավերածության։
Սիրի՛ր Յոթնայկը
Եվ Մեջքի կապը։
Ավա՜ղ, ― կրկնում էր նա, ― մահվան, արյան և արցունքի մեջ գտնել Յոթնյակը, այլրել Յոթնյակը, սիրել Յոթնյակը։ Խեղճ միտքս այսքան ժամանակ տանջվում է, որովհետև ո՞վ է այրում իր սիրածը։
Սայլակը արդեն կտրել էր ճանապարհի մեծ մասը, երբ նրանք ոտնաձայն լսեցին ավազի վրա և ապա մեկի հետևյալ երգը․
Ո՜վ անցորդներ, տեսե՞լ եք դուք
Խենթ ընկերոջս, որ կորցրի․
Գնում է նա բախտն ուր տանի։
Տեսե՞լ դուք։
Հանց արծիվն է ճանկում գառան՝
Նա էլ սիրտըս խլեց տարավ,
Տըղամարդ է, բայց անմորուք։
Տեսե՞լ եք դուք։
Թե նրան տեսնեք՝ ասեք Նելեն
Ուժից ընկավ քեզ փնտրելով։
Անուշիկ Թիլ, այդ ո՞ւր ես դու։
Տեսե՞լ եք դուք։
Թե նրան տեսնեք՝ ասեք Նելեն
Ուժից ընկավ քեզ փնտրելով։
Անուշի՛կ Թիլ, այդ ո՞ւր ես դու։
Տեսե՞լ եք դուք։
Գի՞տե արդյոք, որ հյուծվում է
Մարդուն կորցրած խեղճ տատրակը։
Էլ ինչ անի սիրող սիրտը։
Տեսե՞լ եք դուք։
Ուլենշպիգելը խփեց Լամմեի փորին և ասաց․
Ֆսֆսոցդ կտրի՛ր, է՛յ, ցմփոր։
― Ավա՜ղ, ― պատասխանեց Լամմեն, ― շատ դժվար բան է այդ իմ կազմվածքն ունեցող մարդու համար։
Բայց Ուլենշպիգելը առանց նրա պատասխանը լսելու թաքնվեց սայլակի ծածկույթի տակ և նմանեցնելով հարբած մարդու խռպոտ ձայնին գեղգեղեց․
Տեսել եմ խենթ ընկերոջդ
Որդից կրծված հին սայլակում՝
Նստած անշուշտ մեկի կողքին։
Տեսել եմ ես։
― Թի՛լ, ― ասաց Լամմեն, ― այսօր չարալեզու ես։
Ուլենշպիգելը առանց նրան մտիկ անելու գլուխը ծածկույթի ծակից դուրս հանեց ու ասաց․
― Նելե՛, ինձ ճանաչո՞ւմ ես։
Անակնկալից վախեցած Նելեն և՛ լալիս էր, և ծիծաղում։
― Տեսնում եմ քեզ, անպիտա՛ն դավաճան, ― ասաց նա։
― Նելե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ― եթե ուզում ես ինձ ծեծել՝ այստեղ մի մահակ ունեմ։ Նա ծանր է՝ հարվածներն ազդու դարձնելու համար, և նրա կոստղերը բավական առատ են իրենց հետքերը թողնելու համար մարմնիս վրա։
― Թի՛լ, Յոթնյակի ետևի՞ց ես գնում, ― հարցրեց Նելեն։
― Այո, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Նելեն կրում էր մի որսապարկ, որ կարծես պատրաստ էր պայթելու, այն աստիճան լինքն էր։
― Թի՛լ, ― ասաց նա՝ որսապարկը Ուլենշպիգելին տալով, ― ես մտածեցի, որ ողջամիջ բան չէ մարդու համար ճամփորդել՝ առանց հետը վերցնելու մի լավ պարարտ սագ, մի խոզի ճուտ և Գենտի երշիկներ։ Կե՛ր և հիշի՛ր ինձ։
Մինչ Ուլենշպիգելը նայում էր Նելեին ու ամենևին չէր մտածում որսապարկը վերցնել՝ Լամմեն գլուխը ծածկոցի մի ուրիշ ծակից դուրս հանեց ու ասաց․
― Կանխատե՛ս աղջիկ, եթե նա չի ընդունում՝ ցրվածությունից է․ ի՛նձ տուր այդ ճուռը, հանձնիր ինձ այդ սագը, գցիր ինձ այդ երշիկները․ կպահեմ նրա համար։
― Ո՞վ է այդ բարեդեմ տռուզը, ― հարցրեց Նելեն։
― Ամուսնության մի զոհ է սա, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― և սրտի մորմոքից կչորանար՝ ինչպես խնձորը փռի մեջ, եթե չվերականգներ իր ուժերը անընդհատ ուտելով։
― Շատ ճիշտ ասացիր, որդյա՛կս, ― հառաչեց Լամմեն։
Շողշողուն արևը խիստ տաքացնում էր Նելեի գլուխը, ուստի գոգնոցը գլխին քաշեց։ Ուլենշպիգելը ցանկանալով մենակ մնալ Նելեի հետ՝ ասաց Լամմեին․
― Տեսնո՞ւմ ես այն կնոջը, որ թափառում է մարգագետնում։
― Տեսնում եմ, ― ասաց Լամմեն։
― Ճանաչո՞ւմ ես։
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― չի կարող իմը լինել։ Քաղաքի կնոջ պես չի հագնված։
― Դեռ կասկածո՞ւմ ես, կո՛ւյր խլուրդ, ― վրա բերեց Ուլենշպիգելը։
― Իսկ եթե նա չլինի՞, ― ասաց Լամմեն։
― Այնուամենայնիվ ոչինչ չես կորցնի․ այնտեղ՝ ձախ կողմը, դեպի հյուսիս, կա մի փոքրիկ պանդոկ, ուր հիանալի գարեջուր կգտնես։ Մենք էլ շուտով կգանք քեզ միանալու։ Այս էլ քեզ խոզի ապխտած միս՝ մի քիչ ավելի զարկ տալու համար քո ծարավին։
Լամմեն դուրս եկավ սայլակից և արագաքայլ վազեց դեպի մարգագետնում գտնվոզ կինը։
― Ինչո՞ւ չես գալիս մոտս, ― ասաց Ուլենշպիգելը Նելեին։
Եվ օգնելով նրան որ բարձրանա սայլակը՝ նստեցրեց իր կողքին, գոգնոցը հանեց գլխից, վերնազգեստը ուսերից, ապա հարյուրավոր համբյուրներով ծածկելով նրան՝ ասաց․
― Ո՞ւր էիր գնում այդպես, սիրելի՛ս։
Նելեն չպատասխանեց․ երևում էր, որ նա չափազանց երջանիկ է։ Ուլենշպիգելն էլ, որ նրա պես սքանչացած էր, ասաց․
― Դու այստեղ ես, ինձ հետ։ Մասրենու ծաղիկները չունեն քո թարմ մաշկի քնքուշ վարդակարմիրը։ Թեև դու թագուհի չես, բայց թույլ տուր, որ համբյուրների մի պսակ հյուսեմ քեզ համար։ Գողտրիկ բազուկներ՝ քնքուշ ու վարդերանգ, որ Ամուրն է ստեղծել հատկապես գրկելու համար։ Օ՜, թանկագին աղջիկ, իմ կոշտ֊կոպիտ, տղամարդու ձեռքերը չե՛ն թառամեցնի արդյոք այս ուսերը։ Թեթև թիթեռնիկը թառում է մեխակի վրա, բայց ես՝ կոճղի նման կոպիտս, կարո՞ղ եմ հանգչել քո վառ սպիտակ մորթի վրա՝ առանց այն մթագնելու։ Աստված երկնքում է, թագավորն իր գահին, արևը՝ հաղթական բարձրության վրա․ բայց աստվա՞ծ եմ ես արյոք, թագավոր կամ լո՞ւյս, որ այսքա՜ն մոտ եմ քեզ։ Օ՜, մետաքսից ավելի փափուկ վարսեր։ Նելե՛, ես խենթանում եմ, դիվոտում եմ։ Բայց մի՛ վախենա, հոգյա՛կս։ Ի՞նչ փոքրիկ է ո՜տքդ։ Ինչից է նա այսքան ճերմակ։ Կաթո՞վ են լվացել։
Նելեն ուզեց վեր կենալ։
― Ինչի՞ց ես վախենում, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Արևի՞ց, որ շողշողում է մեր գլխի վրա և ամբողջովին ոսկեզօծում քեզ։ Մի՛ խոնարհիր աչքերդ։ Նայի՛ր, ինչ վառ կրակ է այրվում իմ աչքերի մեջ։ Լսի՛ր, սիրելի՛ս, ակա՛նջ դիր, կեսօրվա լուռ ժամն է այժմ․ հողագործը գնացել է տուն՝ ապուրն ուտելու, մենք էլ մեր սիրով չե՞նք կշտանալու։ Ինչո՞ւ չկարողանամ հազար տարի ապրել և հնդկական մարգարիտներ շարել ծնկներիդ վրա։
― Ճարտարախո՜ս, ― ասաց Նելեն։
Արև արքան փայլում էր սայլակի սպիտակ ծածկույթի վրա, մի արտույտ ճռվողում էր երեքնուկների միջից, և Նելեն խոնարհել էր գլուխը Ուլենշպիգելի ուսին։
III
Այդ միջոցին վերադարձավ Լամմեն՝ քրտինքի մեջ կորած և դելֆինի պես ֆսսալով։
― Ավա՜ղ, վատ աստղի տակ եմ ծնված, ― ասաց նա։ ― Երկար վազելուց հետո հասա այդ կնոջ մոտ, որ իմ կինը չէր և տարիքն առած էր, նրա դեմքից նկատեցի, որ մի քառասունհինգ տարեկան կլիներ, իսկ գլխանոցից հասկացա, որ ամենևին ամուսնացած չէր եղել։ Նա բարկացած հարցրեց ինձ, թե տռզած փորս առած ի՛նչ էի եկել անելու մարգագետնում։
― Փնտրում եմ կնոջս, որ ինձ թողել է, ― պատասխանեցի քաղցրությամբ, ― և ձեզ նրա տեղը դնելով՝ վազեցի եկա այստեղ։
Այս խոսքի վրա տարիքոտ աղջիկն ինձ ասաց, որ միակ բանը, որ կարող եմ անել, այն է որ վերադառնամ այնտեղ, որտեղից եկել եմ, և եթե իմ կինը թողել է ինձ՝ շատ լավ է արել, քանի որ բոլոր տղամարդիկ էլ ավազակ են, անպիտան, հերետիկոս, ապօրեն, թունավորող, աղջիկներին (նույնիսկ տարիքոտ) խաբող, և եթե ես համառեմ մնալ ու անմիջապես փասա֊փուսես չհավաքեմ՝ իր շան բաժինը կդարձնի ինձ։
Այդպես էլ արի՝ ոչ առանց վախենալու, որովհետև նկատեցի մի մեծ գամփռ, որ պառկել էր նրա ոտքերի մոտ ու գռմռում էր։ Երբ դուրս եկա նրա դաշտի սահմանից՝ նստեցի և կազդուրվելու համար կերա քո տված ճուռի միսը։ Այդ միջոցին ես գտնվում էի երեքնուկի երկու արտի միջև․ հանկարծ մի աղմուկ լսեցի իմ հետևից և շրջվեցի․ տեսա տարիքոտ աղջկա խոշոր գամփռը, բայրացակամությամբ և ախորժակը սրած օրորում էր պոչը։ Նա աչք ուներ իմ ճուռի վրա, ուստի մի փոքրիկ կտոր տվի նրան, երբ հանկարծ վրա հասավ նրա տիրուհին ու գոռաց․
― Կծի՛ր, կծի՛ր դրան, որդյա՛կս։
Ես սկսեցի վազել՝ վարտիքիցս կախված տանելով գամփռին, որը նրանից պոկեց մի կտոր՝ հետն էլ մի կտոր իմ մսից։ Բայց ցավից սաստիկ զայրացած՝ շրջվեցի նրա կողմը և մահակովս այնպիսի փառավոր հարված հասցրի նրա առջևի թաթերին, որ առնվազն մեկը ջարդեցի։ Այդ միջոցին նրա տիրուհին հող էր շպրտում վրաս՝ քար չլինելու պատճառով, ես էլ վազում էի։
Դե հիմա ասեք, անսիրտ ու անարդար բան չէ՞, որ մի աղջիկ բավականաչափ գեղեցկություն չունենալու պատճառով ամուսին չի գտել և դրա վրեժը ինձ պես խեղճ ամեղներից է լուծում։
Այնուամենայնիվ տխուր֊տխուր հասա այն պանդոկը, որ դու ասել էիր՝ հուսալով մխիթարության գարեջուր գտնել այդտեղ։ Սակայն հուսախաբ եղա, որովհետև ներս մտնելով տեսա մի մարդ ու կին իրար հետ կռիվ անելիս։ Հարցրի, թե չե՞ն բարեհաճի ընդհատել իրենց ճակատամարտը, որպեսզի մի աման գարեջուր տան ինձ՝ լինի մեկ կամ վեց լիտր։ Բայց կինը՝ մի իսկական stokfisch,[27] կատաղած ինձ պատասխանեց, որ եթե անմիջապես չհեռանամ՝ ինձ կերցնել կտա այն փայտե ոտնամանը, որով խփում էր իր մարդու գլխին։ Եվ ահա հիմա այստեղ եմ, բարեկա՛մս, խիստ քրտնած և ուժասպառ․ ուտելու բան չունե՞ս։
― Ունեմ, ― ասաց Ուլենշպիգելը։
― Վերջապե՜ս, ― գոչեց Լամմեն։
IV
Եվ այսպես համախբված շարունակեցին նրանք ճանապարհը։ Իշուկն ականջները կախած քաշում էր սայլակը։
― Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ―հիմա մենք չորսովս լավ ընկերներ ենք․ էշը՝ աստծու անասունը, որ դաշտերում ուղտափուշ էր գտնում֊ուտում, դո՛ւ բարեմիտ ցմփորդ, որ փնտրում ես նրան, ով քեզնից խույս է տվել, այս քնքուշ սրտով անուշիկ աղջիկը, որ գտել է նրան, որ արժանի չէ իրեն, ուզում եմ ասել ինձ՝ որ կազմում եմ չորրորդը։
Դե հիմա, տղե՛րք․ սրտներդ պինդ պահեք։ Տերևները դեղնում եմ, և աստղերն ավելի շողշողուն կդառնան․ շուտով արև արքան կթաքնվի աշնանային թուխպերի մեջ․ կգա ձմեռը՝ մահվան պատկերը և ձյունե պատանքով կծածակի նրանց, ովքեր քնած են մեր ոտքերի տակ, իսկ ես կգնամ փնտրելու մեր հայրենական հողի բախտավորությունը։ Խե՜ղճ հանգուցյալներ՝ Սոոտկին, որ մեռար կսկիծից, Կլաաս, որ մեռար խարույկի վրա․ բարությա՛ն կաղնի և սիրո՛ բաղեղ, ես ձեր շառավիղը՝ խիստ տանջվում եմ և քո վրեժը կլուծեմ, թանկագին աճյուն, որ բախում է կրծքիս։
― Չպետք է ողբալ նրանց, որոնք մեռնում են ճշմարտության համար, ― ասաց Լամմեն։
Սակայն Ուլենշպիգելը մնում էր մտախոհ, հանկարծ նա ասաց․
― Այա ժամը, Նելե՛, հրաժեշտի, երկարատև հրաժեշտի ժամ է․ և գուցե այլևս երբեք ես չտեսնեմ քո անուշիկ դեմքը։
Նելեն նայում էր նրան՝ աստղերի պես փայլփլուն իր աչքերով։
― Ինո՞ւ չես իջնում այս սայլակից, ― ասաց նա, ― որպեսզի միասին գնանք անտառ, ուր պատվական սնունդ կգտնենք, որովհետև ես ճանաչում եմ բույսերը և գիտեմ հրապուրել թռչուններին։
― Աղջի՛կ, ― ասաց Լամմեն, ― լավ չես անում, որ ուզում ես Ուլենշպիգելին հետ պահել ճանապարհից, քանի որ նա պետք է փնտրի Յոթնյակը և ինձ օգնի գտնելու կնոջս։
― Բայց ո՛չ հիմա, ― ասում էր Նելեն ու լաց լինում՝ արցունքների միջից քնքշագին ժպտալով Ուլենշպիգելին, որն այդ տեսնելով ասաց․
― Կնոջդ գտնելու միշտ էլ ժամանակ կունենաս, երբ որ ուզենաս մի նոր ցավ ու տանջանք ձեռք բերել։
― Թի՛լ, ― ասաց Լամմեն, ― մի՞թե ուզում ես ինձ մենակ թողնել այս սայլակում այդ աղջկա պատճառով։ Հարցին չես պատասխանում և մտածում ես անտառի մասին, ուր Յոթնյակը չի լինի, ոչ էլ իմ կինը։ Ավելի շուտ եկ նրան որոնենք այս քարապատած ճանապարհի վրա, ուր այնքան լավ թավալվում են սայլակների անիվները։
― Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ― սայլակում մի լեցուն որսապարկ կա, այնպես որ քաղցից չես մեռնի՝ եթե առանց ինձ այստեղից գնաս Քյոլկերքե, ուր ես կմիանամ քեզ։ Դու մենակության մեջ կարող ես ավելի հեշտ իմանալ, թե դեպի ո՛ր գլխավոր կետը պիտի ուղղվես կնոջդ գտնելու համար։ Ականջդ բաց ու լսի՛ր։ Այս արագությամբ սայլակովդ կգնաս և երեք լիյո անցնելուց հետո կտեսնես Քյոլկերքեն՝ Զով եկեղեցին, որ այդպես է կոչվում նրա համար, որ չորս քամիներից միաժամանակ ծեծվում է, ինչպես որ շատ ուրիշ եկեղեցիներ։ Զանգակատան ծայրին մի հողմացույց կա, այսինքն աքլորի մի խրտվիլակ, որ պտտվում է իր ժանգոտ ծխնիների վրա։ Այդ ծխնիների ճռռոցն էլ հենց իրենց բարեկամներին կորցրած խեղճ մարդկանց ցույց է տալիս, թե ի՛նչ ուղղությամբ պետք է բռնեն նրանց գտնելու համար։ Բայց նախ և առաջ պետք է զանգակատան ամեն մի պատին յոթ անգամ խփել ընկուզենու ճիպոտով։ Եթե ծխնիները ճռռան հյուսիսային քամին փչելիս՝ նշանակում է, թե պետք է գնալ այդ ուղղությամբ, զգույշ կերպով, որովհետև հյուսիսային քամին պատերազմի քամի է․ եթե հարավից փչի՝ ուրախ֊զվարթ գնա՝ այդ կողմը, որովհետև դա սիրո քամին է․ եթե արևելքից՝ ո՛տք առ ու վազի, որովհետև դա ուրախությունն է ու լույսը․ եթե արևմուտքից՝ կամա՛ց գնա, որովհետև դա անձրևի ու արցունքի քամին է։ Գնա՝, Լամմե, գնա՛ Քյոլկերքե և ինձ սպասի՛ր։
― Գնում եմ, ― ասաց Լամմեն։
Եվ սայլակով մեկնեց։
Երբ Լամմեի սայլակը առաջանում էր դեպի Քյոլկերքե՝ սաստկաշունչ, բայց գաղջ քամին երկնքից ոչխարի հոտի պես քշում էր խումբ֊խումբ ընթացող գորշ ամպերը, ծառերը մռնչում էին ալեծուփ ծովի կոհակների պես։ Ուլենշպիգելն ու Նելեն վաղուց մենակ էին անտառում։ Ուլենշպիգելը քաղցած էր․ Նելեն համեղ արմատներ էր որոնում, բայց գտնում էր միայն խոզեկաղին և համբյուրներ՝ որ նրա սիրեցյալն էր տալիս։
Ուլենշպիգելը ծուղակներ էր լարել և սուլում էր՝ թռչուններին հրապուրելու համար, որպեսզի բռնածներին խորովեր։ Մի սոխակ թառեց տերևների վրա՝ Նելեի մոտ․ Նելեն նրան չբռնեց, որովհետև ուզում էր, որ երգի․ ապա մի շիկահավ եկավ, Նելեն խղճաց նրան, որովհետև շատ սիրուն ու հպարտ էր․ հետո եկավ մի արտույտ, սակայն Նելեն նրան ասաց, որ լավ կանի, եթե գնա երկնքի վերին ոլորտները ու բնության ներբողը երգի, քան թե ձախողակ կերպով գա խփվելու մահաբեր շամփուրի ծայրը։
Բայց այլևս թռչուն չէր գալիս, եթե ոչ մի քանի անպիտան ագռավներ, որոնք կռկռում էին խիստ բարձր՝ նրանց գլխավերևում։ Եվ, այդպիսով, Ուլենշպիգելը բան չկերավ։
Այնուամենայնիվ Նելեն ստիպված էր մեկնել և վերադառնալ Կատլինի մոտ։ Նա քայլում էր լաց լինելով, իսկ Ուլենշպիգելը հեռվից նայում էր նրան։ Սակայն Նելեն հետ եկավ ու նետվեց նրա գիրկը։
― Ես գնում եմ, ― ասաց նա։
Ապա մի քանի քայլ արեց, նորից հետ եկավ և նորից ասաց․
― Ես գնում եմ, հեռանում եմ։
Եվ այսպես մի քսան անագամ ու, նույնիսկ, ավելի։
Հետո նա գնաց, և Ուլենշպիգելը ճամփա ընկավ Լամմեին գտնելու։
Եվ երբ հասավ նրան՝ տեսավ Լամմեին աշտարակի ստորոտին նստած ոտքերի միջև մի խոշոր աման գարեջուր դրած և խիստ տխրագին կերպով ընկուզենու ճիպոտը կրծելիս։
― Ուլենշպի՛գել, ― ասաց նա, ― ես կարծում եմ, որ դու ինձ այստեղ ուղարկեցիր միայն նրա համար, որ մենակ մնաս այն աղջկա հետ․ ինչպես որ պատվիրել էիր՝ ընկուզենու ճիպոտով յոթ անգամ խփեցի աշտարակի ամեն մի կողին, և քամին թեև սատանի պես փչում էր, բայց ծխնիներն ամենևին ձայն չեն հանել։
― Անպատճառ յուղած կլինեն, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Ապա վեր կացան ու գնացին դեպի Բրաբանտի դքսությունը։
V
Ֆիլիպ արքան՝ մռայլ, ամբողջ օրը, նույնիսկ գիշերները, անդուլ֊անդադար թղթեր ու մագաղաթներ էր մրոտում։ Դրանց էր նա վստահում իր կարծր, դաժան սրտի մտածմունքները։ Ոչ ոքի չսիրելով այս կյանքում, իմանալով, որ ոչ ոք չի սիրում իրեն՝ ուզում էր միայնակ կրել իր հսկայական կայսրությունը․ բայց որովհետև ցավագար Ատլաս[28] էր, ապա կքում էր ծանր բեռան տակ։ Լինելով թուլակազմ ու մելամաղձոտ՝ այդ ծայրահեղ աշխատանքը կրծում էր նրա թույլ մարմինը։ Ատելով ամեն մի ուրախ դեմք՝ նա ատում էր մեր երկիրը իր զվարթության համար, ատում էր մեր ազնվականներին իրենց ազատախոսության համար, իրենց անկաշկանդ շարժուձևերի, անկեղծ ու պարզ կենսուրախության համար։ Նա գիտեր, նրան ասել էին, որ հնում, դեռ շատ առաջ այն բանից, երբ կարդինալ դը Կուզան մոտավորապես 1380 թվականին նշեց եկեղեցու զեղծարարությունները և քարոզեց բարենորոգումների անհրաժեշտություն՝ ընդվզումը պապի և կաթոլիկ եկեղեցու դեմ մեր երկրում երևան էր եկել տարբեր աղանդների ձևով և բորբոքում էր բոլորի մտքերը՝ ինչպես եռացած ջուրը փակ կաթսայում։
Որպես մի կամակոր ջորի՝ նա կարծում էր, որ իր կամքը պետք է աստծու պես ծանրանա ամբողջ աշխարհի վրա․ նա ուզում էր, որ հնազանդվելու սովորույթ չունեցող մեր երկիրը կռանա հին լծի տակ՝ առանց որևէ բարենորոգման։ Նա ուզում էր տեսնել կաթոլիկական֊հռոմեական առաքելական մայր եկեղեցին միասնական, տիեզերական՝ առանց որևէ ձևափոխման կամ փոփոխության, ընդ որում այդ բանն ուզելու միակ պատճառաբանությունն այն էր, որ ինքն այդպես էր կամենում, այդ խնդրում վարվելով թեթևաբարո մի կնոջ պես․ և գիշերներն իր անկողնի մեջ շարունակ անհանգիստ խլրտում էր, ինչպես փշե օթոցի վրա՝ անվերջ իր մտածմունքներից տանջվելով։
― Այո, սուրբ Փիլիպոս, այո, տե՛ր աստված, եթե պետք լինի՝ ամբողջ Նիդեռլանդիան կդարձնեմ մի համայնական փոս և բորոր բնակիչներին կնետեմ այդտեղ․ նրանք կգան քեզ մոտ, իմ աստվածամերձ հովանավոր, քեզ մոտ էլ, ո՜վ սուրբ կույս, և ձեզ մոտ՝ արքայության սրբեր ու սրբուհիներ։
Եվ նա փորձեց լինել այնպես, ինչպես ասում էր․ և այդպիսով նա ավելի հռոմեական եղավ, քան պապը, ավելի կաթոլիկ, քան եկեղեցական ժողովները։
Եվ Ուլենշպիգելն ու Լամմեն, Ֆլանդրիայի ու Հոլանդիայի ժողովուրդը դողը սրտում կարծես հեռվից տեսնում էին Էսկորիալի[29] մռայլ կացարանում այդ թագակիր սարդին՝ իր երկար թաթերով, աքցանները բաց արած, ոստայնը հյուսելիս՝ նրանց պարուրելու և նրանց մաքուր արյունը ծծելու հաամր։
Պապական ինկվիզիցիան Կառլոս V֊ի օրոք թեև հարյուր հազար քրիստոնյա էր սպանել՝ խարույկների վրա այրելով, ողջ֊ողջ թաղելով ու կախաղան հանելով, թեև խեղճ դատապարտյալների ունեցվածը մտել թտ կայսր֊ թագավորի սնդուկները՝ կոյուղին լցվող անձրևա ջրի պես, այնուամենայնիվ Ֆիլիպը դա բավական չհամարեց․ նա նոր եպիսկոպոսներ նշանակեց ամենուր և հավակնեց իսպանական ինկվիզիցիան այդտեղ մտցնել։
Եվ քաղաքների մուտնետիկները շեփորի ու թմբուկների ուղեկցությամբ ամենուրեք կարդացին հրովարտակներ, որոնցով հայտարարվում էր, թե ամենայն հերետիկոս՝ մարդ, կին, աղջիկ՝ խարույկամահ կարվեն, եթե իրենց մոլորությունը չխոստովանեն․ կանայք ու աղջիկները ողջ֊ողջ կթաղվեն․ և դահիճը կպարի նրանց մարմինների վրա։
Եվ դիմադրության կրակը համակեց ամբողջ երկիրը։
VI
Ապրիլի հինգին, զատկից առաջ Լյուդովիկոս Նասաուան, Կուլեմբուրգը, Բերեդերոդեն՝ հերկուլեսյան խմողը՝ երեք հարյուր այլ ազնվականների հետ մտան Բրյուսելի պալատը, երկրի կառավարչուհու մոտ։ Շարժվելով ըստ ավագանիության և չորս֊չորս՝ նրանք բարձրացան պալատի մեծ սանդուղքը։
Մտնելով այն սենյակը, ուր գտնվում էր կառավարչուհին, նրանք դքսուհուն ներկայացրին մի խնդրագիր, որով հայցում էին որևէ կերպ Ֆիլիպ արքային համոզել վերացնելու այն հրովարտակները, որոնք վերաբերում էին կրոնին, ինչպես և իսպանական ինկվիզիցիային՝ հայտարարելով, որ մեր դժգոհ երկրում դրանից կարող են առաջանալ միայն խռովություններ, ավերածություն և ընդհանուր թշվառություն։
Եվ այդ խնդրագիրն անվանվեց Կոմպրոմիս։
Բեռլեյմոնը, որ հետագայում այնքան դավաճան ու դաժան եղավ պապենական երկրում, նորին բարձրության կողքին էր գտնվում և նրան ասաց՝ ծաղրելով մեր ազնվական դաշնակիցներից մի քանիսի աղքատությունը․
― Տիկին, ոչ մի բանից մի վախենաք, սրանք լոկ գյոզեր[30] են։
Սրանով ուզում էր ասել, որ այդ իշխանները քայքայված էին թագավորի ծառայության մեջ կամ թե այդ վիճակին էին հասել՝ ցանկանալով իրենց պերճանքով հավասարվել իսպանական սինյորներին։
Տյար Բեռլեյմոնի խոսքն արհամարած լինելու համար իշխանները հետագայում հայտարարեցին, «պատիվ են համարում իրենց թագավորի ծառայության և այս երկրի բարօրության համար նկատվել ու անվանվել գյոզ»։
Նրանք սկսեցին կրել վզից կախված ոսկե մեդալ, որի մի կողմը արքայի պատկերն էր, իսկ մյուս կողմը՝ աղքատի մախաղի միջով իրար սեղմող երկու ձեռք՝ հետևյալ մակագրությամբ․ «Հավատարիմ ենք արքային մինչև աղքատի մախաղը»։ Նրանք կրում էին նաև իրենց փեղույրների ու գլխարկների վրա ոսկե զարդեր՝ մուրացկանի փայտաման և գդակ պատկերող։
Այդ միջոցին Լամմեն ամբողջ քաղաքում ման էր ածում իր տռզած փորը՝ որոնելով իր կնոջը և չէր գտնում։
VII
Մի առավոտ Ուլենշպիգելը նրան ասաց․
― Եկ հետս․ պետք է գնանք ողջունելու մի բարձրաստիճան, ազնվազարմ, հզոր ու ահեղ անձնավորության։
― Նա ինձ կասի՞, թե ո՛ւր է իմ կինը, ― հարցրեց Լամմեն։
― Եթե իմանա՝ կասի, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Եվ նրանք գնացին Բրեգերոդեի՝ հերկուլեսյան խմողի մոտ։
Եվ ահա նրա ապարանքի բակումն էին։
― Ի՞նչ ես ուզում ինձնից, ― հարցրեց Ուլենշպիգելին։
― Խոսել ձեզ հետ, տե՛ր իմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Խոսիր, ― ասաց Բրեդերոդեն։
― Դուք գեղեցիկ, քաջարի և ուժեղ իշխան եք։ Տարիներ առաջ դուք խեղդեցիկ մի ֆրանսիացու՝ իր զրահի մեջ, ինչպես ձկնականջը իր խեցու մեջ․ բայց եթե դուք ուժեղ եք և քաջ, ապա նույնքան և խորամիտ եք։ Ինչո՞ւ ուրեմն, կրում եք այդ ոսկե մեդալը, որի վրա ես կարդում եմ․ «Հավատարիմ ենք արքային՝ մինչև մախաղը»։
― Ճիշտ որ, տե՛ր իմ, ինչո՞ւ, ― հարցրեց Լամմեն։
Բայց Բրեդերոդեն չպատասխանեց նրան և նայեց Ուլենշպիգելին, որը շարունակեց իր խոսքը․
― Ինչո՞ւ դուք՝ իշխաններդ, մինչև մախաղն ուզում եք հավատարիմ լինել արքային։ Նրա համա՞ր է, արդյոք, որ շատ է բայրացակամ ձեր հանդեպ, չափազանց բարեհաճ ձեր նկատմամբ։ Փոխանակ մինչև մախաղը հավատարիմ լինելու նրան, ինչո՞ւ այնպես չեք անում, որ իր երկրների զրկված դահիճը միշտ հավատարիմ լինի աղքատի մախաղին։
Լամմեն գլխով էր անում՝ ի նշան հավանության։
Բրեդերոդեն իր աշխույժ հայացքով նայեց Ուլենշպիգելին և ժպտաց տեսնելով նրա բարեմիտ արտահայտությունը։
― Եթե դու Ֆիլիպ արքայի լրտեսներից չես, ― ասաց նա, ― լավ ֆլամանդացի ես, ուստի ես քեզ կվարձատրեմ երկու դեպքի համար էլ։
Եվ նրան տարավ իր խորտկարանը։ Լամմեն հետևեց նրանց։ Այդտեղ Ուլենշպիգելի ականջը արնոտելու աստիճան քաշելով ասաց․
― Սա լրտեսի համար։
Ուլենշպիգելը ծպտուն չհանեց։
― Բեր տեսնեմ այդ դարչինի գինու ճուռիկը, ― ասաց նա իր մառանապետին։
Մառանապետը բերեց ճուռիկը, մի մեծ թաս եփած գինի, որի բուրմունքը տարածվեց օդում։
― Խմի՛ր, ― ասաց Բրեդերոդեն, ― սա էլ լավ ֆլամանդացու համար։
― Ո՜հ, ― ասաց Ուլենշպիգելը, ― լավ ֆլամանդացի, դարչնահամ գինու անուշ լեզվով ես խոսում․ սրբերն անգամ այսպես քաղցր չեն խոսում։
Հետո գինու կեսը խմելով՝ մյուս կեսը տվեց Լամմեին։
― Ո՞վ է այս ցմփորը, ― ասաց Բրեդերոդեն, ― որ վարձատրվում է առանց որևէ բան արած լինելու։
― Բարեկամս է՝ Լամմեն, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― որ ամեն անգամ եփած գինի խմելիս երևակայում է, թե ուր որ է կգտնի իր կորցրած կնոջը։
― Այո, ― ասաց Լամմեն՝ մեծ երկյուղածությամբ գինին թասից ծծելով։
― Հիմա ո՞ւր եք գնում, ― հարցրեց Բրեդերոդեն։
― Գնում ենք որոնելու Յոթնյակը, որ փրկելու է Ֆլանդրիայի երկիրը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ի՞նչ Յոթնյակ։
― Երբ գտնեմ՝ ձեզ կասեմ, թե ովքեր են նրանք։
Բայց Լամմեն, որ գինուց զվարթացել էր, ասաց․
― Չգնա՞նք, արդյոք, լուսնի վրա փնտրելու իմ կնոջը։
― Պատվիրի՛ր սանդուղքը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ահա արդեն գեղեցիկ մայիսն է, կապուտակ երկինք, ուրախ ծիծեռնակներ․ ծառերի ճյուղերն արդեն հյութից կարմրել են․ հողը սիրո գրկում է։ Հավատի համար մարդկանց կախելու և վառելու պահն է այժմ։ Կազմ ու պատրաս են բարեդեմ ինկվիզիտորները։ Ինչպիսի՜ ազնիվ դեմքեր։ Լիակատար իշխանություն ունեն ուղղելու, պատժելու, աստիճանազրկելու, հանձնելու աշխարհիկ դատավորների ձեռքը, ունենալ իրենց բանտերը։ Ա՜խ, որքա՜ն գեղեցիկ է մայիսը ― կալանավորել մարդկանց, դատ վարել առանց արդարադատության սովորական ձևը հարգելու, վառել, կախել, գլխատել և խեղճ կանանց ու աղջիկների համար փորել վաղահաս մահվափոսը։ Խայտիտները ճռվողում են ծառերի մեջ։ Բարի ինկվիզիտորները աչքները տնկել են հարուստների վրա։ Եվ թագավորը կժառանգի ունեցվածքը։ Դե՛, աղջիկներ, դաշտերը վազեք՝ պարելու պարկապզուկի ու սրինգի հնչյունների տակ։ Օ՜, որքա՜ն գեղեցիկ է մայիսը։
Կլաասի աճյունը բախեց Ուլենշպիգելի կրծքին։
― Գնա՛նք, ― ասաց նա Լամմեին։ ― Բախտավոր են նրանք, ովքեր, արիասիրտ կլինեն և սուրը բարձր կպահեն գալիք սև օրերին։
VIII
Մեկ անգամ, օգոստոս ամսին, Ուլենշպիգելը Բրյուսելում անցավ Ֆլանդրիա փողոցով Յան Սապերմիլեմենտեի տան առջևից․ Յանին այդպես էին մականվանել այն պատճառով, որ նրա պապը բարկացած ժամանակ այդպես էր հայհոյում՝ աստծու սրբազան անունը չսրբապղծելու համար։[31] Հիշյալ Սապերմիլեմենտեն արհեստով ասեղնագործ էր, բայց որովհետև խմելու պատճառով խլացել ու կուրացել էր, ապա նրա կինը՝ թթու֊չարացած կերպարանքով մի պառավ՝ ասեղնագործում էր նրա փոխարեն իշխան մարդկանց վերնազգեստներ, բաճկոններ, թիկնոցներ ու մաշիկներ։ Նրա գողտրիկ աղջիկը օգնում էր այդ շահավետ աշախատանքի մեջ։
Երեկոյան կողմը Ուլենշպիգելը անցնելով վերոհիշյալ տան առջևից, պատուհանում տեսավ այդ աղջկան և լսեց նրա կոչը․
Օգոստո՛ս, օգոստո՛ս,
Անուշիկ իմ ամիս,
Խնդրում եմ ինձ ասես՝
Ո՞վ կլինի ամուսինս։
― Ես, ― ասաց Ուլենշպիգելը, ― եթե ուզենաս։
― Դո՞ւ, ― ասաց նա։ ― Մոտ եկ, մի քեզ տեսնեմ։
Բայց Ուլենշպիգելն ասաց․
― Պատճառն ի՞նչ է, որ դու օգոստոսին ես կոչում այն, ինչ Բրաբանտի աղջիկները մարտի նախօրյակին են կանչում։
― Նրանք միայն մի ամուսնատու ամիս ունեն, ― ասաց աղջիկը, իսկ ես տասներկուսն ունեմ, և ամեն մեկի նախօրյակին, ոչ թե կես գիշերին, այլ վեց ժամ կեսգիշերից առաջ, ցատկում եմ անկողնից, հետ֊հետ գնալու երեք քայլ եմ անում դեպի պատուհանը, գոչում այն, ինչ արդեն գիտես դու, ապա շրջվելով երեք քայլ եմ անում դեպի անկողինը և կես գիշերին պառկում ու քնում եմ՝ երազելով իմ ապագա ամուսնուն։ Բայց որովհետև անուշիկ ամուսինները ի բնե չարալեզու ծաղրողներ են, ապա ոչ թե մեկ ամուսին եմ տեսնում երազում, այլ տասներկու․ դու էլ կլինես տասներեքերորդը, եթե կուզես։
― Մյուսները կխանդեն, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Դու կանչում ես նաև «Ազատությո՜ւն»։
― Աղջիկը շիկնելով պատասխանեց․
― Ես կանչում եմ «ազատություն» և գիտեմ, թե ինչ եմ խնդրում։
Ես էլ նույնը գիտեմ և բերում եմ քեզ այն, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Դեռ շուտ է, ― ասաց աղջիկը ժպտալով և ցույց տալով իր սպիտակ ատամները։
― Շո՞ւ տ է, ― ասաց Ուլենշպիգելը, ― ոչ։ Կարող է տուն փլվել գլխիս, ուժգին քամին ինձ կարող է գցել փոսը, կատաղած շունը կկծի ոտքս։ Ո՛չ, չեմ սպասի։
― Ես դեռ շատ փոքր եմ, ― ասաց աղջիկը, ― և սովորույթը պահելու համար եմ միայն կանչում։
Ուլենշպիգելի սիրտը կասկած ընկավ՝ մտածելով, որ մարտի, և ոչ թե հունձի ամսի նախօրյակին են Բրաբանտի աղջիկները ամուսնանալու կոչ անում։
― Ես դեռ շատ փոքր եմ և սովորույթը պահելու համար եմ միայն կանչում, ― ժպտալով կրկնեց աղջիկը։
― Ուրեմն պիտի սպասես, մինչև որ պառավե՞ս, ― վրա բերեց Ուլենշպիգելը։ ― Լավ հաշիվ չես անում։ Երբեք չեմ տեսել այդպես կլորիկ պարանոց, այդպիսի ճերմակ, իսկական ֆլամանդուհու ստինքներ՝ լեցուն այն կաթով, որից տղամարդիկ են մեծանում։
― Լեցո՞ւն, ― ասաց նա, ― դեռ ոչ․ աճապարո՛ղ ճամփորդ։
― Սպասե՞լ, ― առարկեց Ուլենշպիգելը։ ― Ուրեմն ես պետք է զրկվեմ իմ ատամներից, որպեսզի քեզ հում֊հում ուտեմ, անուշիկս։ Չես պատասխանում, ժպտում ես այդ խաժ աչքերովդ և կեռասի պես կարմիր շրթներովդ։
Աղջիկը խուզարկու հայացքով դիտելով նրան՝ հարցրեց․
― Ինչո՞ւ ես այդպես արագ սիրում ինձ․ ի՞նչ արհեստ ես բանեցնում․ աղքա՞տ ես, թե հարուստ։
Աղքատ եմ, ― ասաց նա, ― նույնպես և հարուստ եմ, եթե անուշիկ մարմինդ ինձ տաս։
― Այդ չէ, որ ես ուզում եմ իմանալ, ― պատասխանեց աղջիկը։ ― Եկեղեցի գնո՞ւմ ես․ լա՞վ քրիստոնյա ես․ ո՞ւր ես ապրում։ Կհամարձակվե՞ս ասել, թե իսկական աղքատ ես՝ գյոզ, որ դիմադրում է հրովարտակներին և ինկվիզիցիային։
Կլաասի աճյունը բախեց Ուլենշպիգելի կրծքին։
― Գյոզ եմ ես, ― պատասխանեց նա, ― ուզում եմ մեռած և որդերիծ կրծված տեսնել Նիդեռլանդիայի ճնշողներին։ Ապշած ինձ ես նայում։ Այս սիրո հուրը, որ վառվում է քեզ համար, գողտրի՛կ, երիտասարդության հուրն է։ Աստված վառեց այդ կրակը, և հիմա բոցավառվում է շողշողուն արևի պես, մինչև որ հանգչի։ Բայց վրիժառության կրակը, որ բուն է դրել սրտումս, դարձյալ աստված է վառել։ Նա կդառնա սուր, կրակ, պարան, հրդեհ, ավերածություն, պատերազմ ու կործանում դահիճների համար։
― Գեղեցիկ ես դու, ― ասաց աղջիկը տխրագին՝ համբուրելով նրա զույգ թշերը, ― բայց և այնպես լռիր։
― Ինչո՞ւ ես լալիս, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Ուր էլ որ լինես՝ պետք է շարունակ աջ ու ձախ նայես, ― պատասխանեց աղջիկը։
― Այս պատե՞րն էլ ականջ ունեն, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Միայն իմ ականջներն են այստեղ, ― ասաց աղջիկը։
― Նրանք Ամուրի ձեռքով են քանդակված, որ ես կծածկեմ իմ համբույրով։
― Խենթո՛ւկ բարեկամ, լսի՛ր, երբ խոսում եմ։
― Ինչո՞ւ։ Ի՞նչ ունես ինձ ասելու։
― Լսի՛ր, ― ասաց նա անհամբեր։ ― Ահա մայրս․․․ Լռի՛ր, լռիր մանավանդ նրա ներկայությամբ․․․
Ներս մտավ պառավ Սապերմիլեմենտեն։ Ուլենշպիգելը նրան զննելով՝ ասաց մտովի․ «Դունչը քափկիրի պես ծակծկված․ աչքերը ժանտ ու կեղծ հայացքով․ բերանն ուզում է ծիծաղել, բայց ծամածռություն է անում․ այս ամենը գրգռում է հետաքրքրասիրությունս»։
― Աստված ձեզ հետ, պարո՛ն, ― ասաց պառավը, ― միշտ ձեզ հետ։ Աղջիկս, փող եմ ստացել, լավ փող, պարոն Էդմոնից, երբ տարա նրան իր թիկնոցը, որի վրա ծաղրածուի ցուպն էի ասեղնագործել։ Այո, պարո՛ն, ծաղրածուի ցուպ՝ Կարմիր շան դեմ։
― Գրանվելայի կարդինալի՞ դեմ, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Այո, ― պատասխանեց պառավը, ― Կարմիր շան դեմ։ Ասում են, որ նա հայտնում է արքային նրանց դիտավորությունները։ Նրանք էլ ուզում են մահու տալ նրան։ Իրավունք ունեն, չէ՞։
Ուլենշպիգելը չպատասխանեց։
― Չե՞ք տեսել նրանց փողոցներում․ բաճկոնակ են հագնում և գորշ opperstkleed֊ներ, ինչպես հասարակ ժողովուրդն ունի՝ թևքերը երկար կախված, կնգուղը վանականների կնգուղի պես․ և բոլոր opperstkleed֊ների վրա ծաղրածուի ցուպ է ասեղնագործված։ Ես ասեղնագործել եմ ամենաքիչը քսանյոթ հատ, իսկ աղջիկս՝ տասնհինգ։ Այդ ծաղրածուի ցուպերը տեսնելուց Կարմիր շունը խիստ բարկացել է։
Ապա Ուլենշպիգելի ականջին ասաց․
― Ես գիտեմ, որ իշխանները որոշել են ծաղրածուի ցուպը փոխարինել ցորենի խուրձով՝ ի նշան միաբանության։ Այո, այո, նրանք պատրաստվում են պայքարել թագավորի ու ինկվիզիցիայի դեմ։ Լավ են անում, չէ՞ պարո՛ն։
Ուլենշպիգելը չպատասխանեց։
― Օտարական պարոնը մելամաղձություն է եփում, ― ասաց պառավը և ճլվլոցը դադարեցրեց։
Ուլենշպիգելը ձայն չհանեց ու դուրս եկավ։
Քիչ հետո նա մտավ մի գինետուն, ուր երաժշտախումբ էլ կար․ ուզում էր, որ խմելը բոլորովին չմոռանա։ Գինետունը լեցուն էր խմողներով, որոնք անզգուշաբար խոսում էին թագավորի, ատելի հրովարտակների, ինկվիզիցիայի և Կարմիր շան մասին, որին անհրաժեշտ էր վտարել երկրից։ Նա տեսավ նույն պառավին՝ ցնցոտիներ հագած և կարծես քնած՝ քաղցր գինու թասն առջևը։ Երկար նա մնաց այդ դիրքում, ապա մի պնակ հանեց գրապնից և սկսեց ողորմություն խնդրել խմողներւ խմբերից, մանավանդ ամենից ավելի անխոհեմ խոսողներից։
Եվ բարեհոգի մարդիկ առանց ժլատության տալիս էին նրան ֆլորիններ, դընիեներ ու պատարներ։
Ուլենշպիգելը հուսալով աղջկանից իմանալ այն, ինչ պառավ Սապերմիլեմենտեն չէր ասում, դրանից հետո հաճախ էր անցնում տան առջևից․
Նա տեսնում էր աղջկան, որ ոյլևս չէր կանչում, բայց աչքը թարթելով ժպտում էր նրան որպես հաճելի խոստում։
Հանկարծակի մոտեցավ պառավը։
Ուլենշպիգելը զայրացած՝ նրան տեսնելով եղնիկի պես վազեց փողոցով, գոռալով․ <T brandtl, T brandtl (կրա՜կ, կրա՜կ հասե՛ք), մինչև որ հասավ հացագործ Յակոբ Պետերսոնի տան առաջ։ Տան փեղկերը, որ գերմանական ձևով էին ապակեպատված, բոցավառ շողշողում էին մայր մտնող արևից։ Փռի մեջ վառվող խռիվից բարձրանում և ծխնելույզից դուրս էր ժայթքում մի թանձր ծուխ։ Ուլենշպիգելը վազում ու անդադար գոռում էր․ «T brandtl, T brandtl» (Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ է)։ Մայր աստվածածնի տաճարի պահակն սկսեց շեփոր փչել, իսկ ժամկոչը ամենայն ուժով քաշում էր Wacharm կոչվող զանգակը։ Եվ տղաներն ու աղջիկները երգելով ու սուլելեով խումբ֊խումբ վազեցին եկան։
Զանգակն ու շեփորը անընդհատ հնչում էին, երբ պառավ Սապերմիլեմենտեն փասափուսեն հավաքեց ու դուրս նետվեց։
Ուլենշպիգելը դրան էր սպասում։ Հենց որ պառավը հեռացավ՝ նա մտավ տուն։
― Դո՞ւ այստեղ, ― հարցրեց աղջիկը, ― ուրեմն այնտեղ հրդեհ չկա՞։
Այնտե՛ղ ոչ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Հապա ինչո՞ւ է զանգակն այդպես տխուր ղողանջում։
― Չի իմանում, թե ինչ է անում, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Հապա այս ցավագին շեփորաձայնը և շարունակ խռնվող ժողովո՞ւրդը։
― Խելառների թիվն անհամար է։
― Ուրեմն ի՞նչ է վառվում, ― հարցրեց աղջիկը։
― Քո աչքերը և իմ բոցակեզ սիրտը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Եվ հարձակվեց նրա շրթների վրա։
― Ինձ հո ուտում ես, ― ասաց աղջիկը։
― Սիրում եմ կեռասը, ― ասաց նա։
Աղջիկը նայում էր նրան ժպտալով, բայց ընկճված։ Հանկարծ նա լաց լինելով ասաց․
― Այլևս մի՛ գա այստեղ։ Դու գյոզ ես՝ պապին թշնամի։ Մի՛ գա այլևս․․․
― Մայրդ, ― ասաց նա։
― Այո, ― ասաց աղջիկը կարմրելով։ ― Գիտե՞ս ուր է նա հիմա։ Ականջը սրած լսում է այնտեղ, ուր հրդեհ է ծագել։ Գիտե՞ս, թե հետո ուր կգնա․ Կարմիր շան մոտ՝ հաղորդելու այն ամենը, ինչ որ գիտե, և դքսի, որ շուտով գալու է, գործը հեշտացնի։ Փախի՛ր Ուլենշպիգել, փախի՛ր, ես քեզ փրկում եմ։ Մի համբույր ևս, բայց այլևս մի՛ գա․ մեկ հատ էլ, դու գեղեցիկ ես, ես լալիս եմ, բայց հեռացի՛ր։
― Ազնի՜վ աղջիկ, ― ասաց Ուլենշպիգելը՝ նրան գրկում պահելով։
Միշտ այդպես չեմ եղել, ― ասաց նա։ ― Ես էլ նրա պես․․․
― Այդ երգե՞րը, ― ասաց Ուլենշպիգելը, գեղեցկության այդ լուռ կոչե՞րը սիրահար տղամարդկանց․․․
Այո, ― ասաց աղջիկը։ ― Մայրս էր այդպես պահանջում։ Իսկ քեզ փրկում եմ, որովհետև սրտովս սիրում եմ։ Մյուսներին էլ կփրկեմ ի հիշատակ քեզ, սիրելի՛դ իմ։ Երբ հեռու լինես՝ սիրտդ կթռչի՞ դեպի զղջացած աղջիկը։ Համբուրիր ինձ, անուշի՛կս։ Նա այլևս փողի համար զոհեր չի մատակարարի խարույկին։ Դե գնա՝․ ոչ, դեռ կաց։ Ինչքա՜ն քնքուշ է ձեռքդ։ Տե՛ս, ես համբուրում եմ ձեռքդ․ դա ստրկության նշան է․ դու իմ տերն ես։ Լսի՛ր, ավելի մոտ եկ, լռի՛ր։ Չնչին ոմն ավազակ մարդիկ, դրանց հետ մի իտալացի, այս գիշեր իրար հետևից եկան այստեղ։ Մայրս նրանց մտցրեց սրահը, ուր հիմա դու ես, ինձ հրամայեց դուրս գալ և փակեց դուռը։ Ես լսեցի հետևյալ բառերը․ «Քարե խաչելություն, Բորգերհոթի դարպասը, թափոր, Անտվերպեն, Աստվածածնի տաճարը», խեղդված ծիծաղներ և սեղանի վրա համրվող ֆլորիններ․․․ Փախի՛ր, ահա գալիս են, հոգյա՛կս։ Քաղցր հիշողությամբ մտաբերիր ինձ։ Փախի՛ր․․․
Ուլենշպիգելը լսեց աղջկան և վազեց մինչև «Ալևոր Աքաղաղ» ― in den ouden Haen պանդոկը, ուր գտավ Լամմեին մելամաղձություն եփելիս, մի երշիկ կրծելիս և յուվենյան peterman֊ի յոթերորդ գավը դատարկելիս։
Եվ ստիպեց նրան իր պես վազել՝ չնայած տռուզ փորին։
IX
Լամմեի ուղեկցությամբ վազելով, Ուլենշպիգելը հասավ Էյկենստրաա փողոցը, այդտեղ գտավ մի չարամիտ պարսավագիր՝ Բրեդերոդեի դեմ։ Անմիջապես առավ դա ու տարավ նրան։
― Տե՛ր իմ, ― ասաց նա, ― այն լավ ֆլամանդացին ե, և արքայի այն լրտեսը, որի ականջներն այնքան լավ շփեցիք և որին այնքան լավ եփած գինի տվիք խմելու։ Նա ձեզ բերել է մի փոքրիկ պամֆլետ, ուր ձեզ, ի միջի այլոց, մեղադրում են, որ ձեզ անվանում եք Հոլանդիայի կոմս, ինչպես թագավորն է իրեն անվանում։ Պարսավագիրը դեռ թարմ է և տպագրված է Յան Զրպարտիչի մոտ, որն ապրում է Անպիտանների գետափին, Պատվի գողերի փակուղում։
Բրեդերոդեն ժպտալով ասաց․
― Ես քեզ երկու ժամ մտրակահարել կտամ՝ եթե չասես գրողի իսկական անունը։
― Տե՛ր իմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― մտրակահարել տվեք թեկուզ երկու տարի՝ եթե ուզում եք․ բայց չեք կարող ստիպել իմ կռնակին, որ ձեզ ասի այն, ինչ չգիտե իր բերանը։
Եվ նա տնից դուրս եկավ՝ իր ջանասիրության համար ստանալով մեկ ֆլորին։
X
Հունիսից՝ վարդերի ամսից սկսած, քարոզներն սկսվել էին Ֆլամանդիայի երկրում։
Եվ քրիստոնեական նախնական եկեղեցու առաքյլաները քարոզում էին ամենուրեք, ամեն տեղ, դաշտերում ու այգիներում, բլրակների վրա, որոնք հեղեղումների ժամանակ անասունների ապաստարան էին ծառայում, գետափերին, նավերի վրա։
Ցամաքում նրանք ամրանում էին ինչպես ռազմական ճամբարում շրջապատված սայլակների շղթայով։ Գետերի վրա և նավահանգիստներում զինված մարդկանցով լեցուն նավերը պահակություն էին անում նրանց շուրջը։
Եվ ճամբարներում հրացանակիրներն ու հրահարները պահպանում էին նրանց թշնամու անակնկալներից։
Եվ այսպես, ազատության խոսքը լսվեց պապենական երկրի բոլոր կողմերից։
XI
Ուլենշպիգելն ու Լամմեն հասան Բրյուգգե իրենց սայլակով, որը թողին մոտակա բակում, մտան Սուրբ Փրկչի եկեղեցին՝ փոխանակ գինետուն գնալու, որովհետև իրենց քսակում այլևս փողի ոչ մի ուրախ զրնգոց չկար։
Հայր Կոռնելիոսը խոսում էր Քրիստոսի չարաչարանքի մասին։ Երբ նա հասավ սուրբ ավետարանի այն հատվածին, ուր հրեաները Հիսուսի վերաբերյալ աղաղակում են Պիղատոսին․ «Ի խաչ հան դրան, ի խաչ հան դրան, չէ՞ որ մենք օրենք ունենք, և այդ օրենքի համաձայն էլ նա պետք է մեռնի», հայր Կոռնելուսը գոչեց․
«Հենց նոր դուք լսեցիք, բարի՛ մարդիկ, թե ինչպես տերն մեր Հիսուս Քրիստոս ենթարկվեց մի ահավոր ու ամոթաբեր մահվան, պատճառն այն է, որ հերետիկոսներին պատժելու համար միշտ էլ օրենք կա։ Նա դատապարտվեց հենց նրա համար, որ հնազանդ չէր եղել օրենքներին։ Հիմա էլ նրանք ուզում են բանի տեղ չդնել հրովարտակներն ու հրամանագրերը։ Ա՜խ, տե՜ր, Հիսուս, ի՞նչ անեծք ես ուզում թափել տալ այս երկրի վրա։ Պատվամեծար մա՛յր աստուծո, եթե Կառլոս կայսրը դեռ կենդանի լիներ և կարողանա՜ր տեսնել խայտառակությունը այդ ազնվական զինակիցների, որոնք համարձակվել են խնդրագիր ներկայացնել կառավարչուհուն՝ ընդդեմ ինկվիզիցիայի և հրովարտակների․ մինչդեռ այդ հրովարտակները այնպիսի բարի նպատակով են արված, այնքան հասունորեն են մտածված, հրամանագրված են այնքան երկար ու խոհեմ խարհրդածություններից հետո՝ բոլոր աղանդներն ու հերետիկոսությունները բնաջնջելու համար։ Իսկ նրանք կուզենայի՜ն առ ոչինչ դարձնել դրանք, որոնք հաց ու պանրից ավելի անհրաժեշտ բաներ են։ Ինչպիսի՜ գարշահոտ, նողկալի ու խայտառակ անդունդ, են ոզում գցել մեզ։ Լյութերը, այդ կեղտոտ Լյութերը, այդ կատաղած եզը հաղթանակում է Սաքսոնիայում, Բրաունշվեյգում, Լյունեբուրգում, Մեկլեմբուրգում։ Բրենտիոսը, Բրեյն[32] Բրենտիոսը, որ ապրեց Գերմանիայում այնպիսի բալուտներով, որ խոզերն անգամ չէին ուտի, այդ Բրենտիոսը հաղթանակում է Վյուրթեմբերգում․ Սերվետ Լուսնոտը, երրորդապաշտ Սերվետը իշխում է Պոմերանիայում, Դանիայում ու Շվեդիայում, և այդտեղ էլ համարձակվում է նշանակել փառավոր, ամենազոր սուրբ երրորդությունը։ Այո։ Բայց ինձ ասացին, որ նա ողջ֊ողջ վառված է Կալվինի ձեռքով, մի մարդ, որի միակ լավ գործը այս է․ այո, գարշահոտ Կալվինի հրամանով, որից շարունակ թթվահոտ է գալիս, այո, ջրասամույրի պես երկար դնչով, պանրագույն երեսով, պարտիզպանի բահի նման երկար ատամներով այդ մարդու ձեռքով։ Այո, այդ գայլերն իրար միս են կրծում․ Լյութերը՝ այդ կատաղած եզը, Գերմանիայի իշխաններին զինեց անաբապտիստ Մյունցերի դեմ, որն ասում են, լավ մարդ էր և ապրում էր ըստ ավետարանի։ Եվ ամնողջ Գերմանիայում հնչեց այդ եզի բառաչը, այո՛։
Այո, և ի՞նչ ենք տեսնում Ֆլանդրիայում, Գելդերնում, Ֆրիսլանդիայում, Հոլանդիայում, Զելանդիայում։ Ադամականները[33] բոլորովին մերկ վազում են փողոցներում, այո, բարի՛ մարդիկ, բոլորովին մերկ են դուրս գալիս փողոց և առանց ամաչելու ցույց տալիս անցորդներին իրենց վտիտ միսը։ Կարող եք ասել, որ միայն մեկն է այդպես արել․ այո, թող այդպես լինի, բայց մեկն արժե հարյուր, հարյուրն արժե մեկ։ Եվ նրան վառեցին, կասեք դուք, ողջ֊ողջ վառեցին՝ կալվինիստների ու լյութերականների աղոթքների տակ։ Գայլերը գզվռտում են իրար հետ, ասում եմ ձեզ։
Այո, ուրեմն ի՞նչ ենք տեսնում Ֆլանդրիայում, Գելդերնում, Ֆրիսլանդիայում, Հոլանդիայում, Զելանդիայում։ Լիբերտինները[34] ուսուցանում են, որ ամեն մի ստրկություն հակասական է աստծու ասածին։ Խաբում եմ այդ գարշահոտ երետիկոսները․ պետք է ենթարկվել հռոմեական սուրբ եկեղեցուն։ Եվ այնտեղ, Անտվերպեն կոչեցյալ այդ անիծյալ քաղաքում՝ աշխարհի ամբողջ հերետիկոսության շնանոցում նրանք համարձակվել են քարոզել, թե մենք նշխարը շան ճրագուով ենք եփում։ Մի ուրիշն էլ, այն թշվառ մուրացկանը, որ փողոցի մի անկյունում նստում է միզամանի վրա, ասում է․ «Ոչ աստված կա, ոչ հավիտենական կյանք, ոչ մի մարմնի հարություն, ոչ էլ մշտնջենական դատապարտություն»։ «Կարելի է մկրտել, ― ասում է լացակումած ձայնով մի ուրիշը, ― առանց աղի, խոզաճարպի, լորձունքի, առանց երդվեցնելու ու մոմի»։ «Ոչ մի քավարան չկա», ― ասում է մի ուրիշը։ Լսո՞ւմ եք, բարի՛ մարդիկ, ոչ մի քավարան չկա» Վա՜խ, վա՜խ, ավելի լավ կլիներ, որ մեղք գործեիք ձեր մայրերի, ձեր քույրերի ու աղջիկների հետ, քան թե կասկածեիք քավարանի գոյության մասին։
Այո, և նրանք քիթը տնկում են ինկվիզիտորի՝ այդ սուրբ մարդու առաջ, այո։ Նրանք, մոտ չորս հազար կալվինիստ, եկել են Բելեմ, որ հեռու չէ այստեղից, զինված մարդկանց հետ, դրոշներով ու թմբուկներով։ Այո։ Եվ այստեղից զգում եք նրանց խոհանոցի ծխահոտը։ Նրանք տիրացել են սուրբ Կաթոլիկ եկեղեցուն՝ պղծելու, անարգելու համար այն իրենց նզովյալ քարոզություններով։
Այս ի՞նչ պիղծ ու խայտառակ հանդուրժողություն է։ Դժոխքի բաժին դառնաք, թուլամո՛րթ կաթոլիկներ, ինչո՞ւ համար դուք էլ զենք չեք վերցնում։ Դուք էլ, ինչպես այդ նզովյալ կալվինիստները, ունեք զրահ ու նիզակ, գեղարդ ու թուր, հրազեն ու դաշույն, մահակ ու տեգ, հրանետ ու ռմբանետ։
Նրանք, կարող եք ասել, խաղաղասեր մարդիկ են․ ուզում են կատարյալ ազատությամբ ու անդորրությամբ լսել աստծու խոսքերը։ Միևնույն է․ դո՛ւրս եկեք Բրյուգգեից, մի վրա տվեք, քշեցեք, սպանեցեք այդ բոլոր կալվինիստներին, վռնդեցեք եկեղեցուց։ Ի՜նչ, դեռ չե՞ք մեկնել, թո՜ւ, հավ եք, հավ, որ վախից դողում եք ձեր զիբիլի վրա։ Ես արդեն տեսնում եմ այն րոպեն, երբ այդ անիծյալ կալվինիստները թմբուկ կզարնեն ձեր կանանց ու աղջիկների փորի վրա, և դուք ձեռքը ծալած կթողնեք, որ անեն, քուրջ ու խմորից շինված մարդիկ։ Մի՛ գնաք այդտեղ, մի գնաք․․․ Ձեր ոտնամանները կկեղտոտվեն կռվի ժամանակ։ Թո՜ւ, բրյուգգեցիներ, ամոթ ձեզ պես կաթոլիկներին։ Համա թե ի՜նչ կաթոլիկներ եք, վախկոտ կատուներ։ Ամո՜թ ձեզ, բադե՛ր ու սագեր, հա՛վ ու հնդուներ, ա՛յ, թե ինչ եք դուք։
Մի՞թե պերճախոս քարոզիչներ չունեք դուք, որ բազմությամբ գնում եք լսելու նրանց զկռտած սուտերը, որ աղջիկները գիշերով գնում են լսելու գյոզորով ու գյուզուհիներով։ Այն օրը չորս հոգի, չորս խայտառակ անպիտան քարոզում էին եկեղեցու գերեզմանատանը։ Այդ անպիտաններից առաջինը՝ մի նիհար ու գունատ մարդ, այլանդակ մի ցռան՝ գլխին դրած էր մի կեղտոտ գլխարկ և այնքան էր քաշել ցած, որ ականջները չէին երևում։ Ո՞վ է ձեզանից տեսել այդ քարոզչի ականջները։ Նա անշապիկ էր, որովհետև մերկ բազուկները՝ առանց սպիտակեղենի, դուրս էին գալիս բաճկոնակի թևքերից։ Ես շատ լավ այդ տեսա, թեև նա ուզում էր ծածկվել մի փոքրիկ կեղտոտ թիկնոցով, շատ լավ տեսա նաև նրա սև, Անտվերպենի Աստվածածնի տաճարի զանգակատան պես լուսանցիկ, ծակոտկեն քաթանե վարտիքի մեջ բնական զանգակների ու զանգաձողի օրորվելը։ Մյուս անպիտանն էլ քարոզում էր բաճկոնակով և առանց ոտնամանի․ նրա ականջներն էլ ոչ ոք չտեսավ։ Եվ հանկարծ քարոզի միջոցին պապանձվեց մնաց, տղաներն ու աղջիկներն սկսեցին գոռգառալ ու ասել․ «Յո՜ւ, յո՜ւ, դասը չի՜ իմանում»։ Այդ խայտառակ անպիտաններից երրորդը դրել էր մի կեղտոտ գլխարկ, վրան էլ մի փոքրիկ փետուր տնկած։ Սրա ականջներն էլ չէին երևում։ Չորրորդ անպիտանը՝ Հերմանիուսը, որ մյուսներից ավելի լավ վրագլուխ ուներ, ըստ երևույթին երկու անգամ ցահճի ձեռքով խարանված էր ուսից, այո՛։
Դրանք բոլորն էլ իրենց գլխարկի տակ կրում են ճենճոտ գլխանոցներ, որոնք և ծածկում են նրանց ականջները։ Երբևիցե այդ քարոզիչների ականջները տեսե՞լ եք։ Այդ անպիտաններից ո՞րն է համարձակվել ցույց տալ իր ականջները։ Ականջնե՜րը, ինչպե՜ս չէ, ցույց տան ականջները․ կտրե՜լ են, կտրե՛լ։ Այո, դահիճը բոլորի ականջներն էլ կտրել է։
Եվ սակայն այդ խայտառակ անպիտանների, այդ դրամաշորթների, ձեռնածուների, իրենց գոգավոր նստարաններից փախած փինաչիների, այդ ցնցոտիավոր քարոզիչների շուրջն է ժողովուրդը հավաքվում ու գոչում․ «Կեցցեն գյոզոեըը», կարծես թե ամենքն էլ կատաղած, հարբած կամ գժված լինեն։
Ա՜խ, ա՜խ, մեզ՝ խեղճ կաթոլիկներիս ուրիշ ոչինչ չի մնում անել, եթե ոչ հեռանալ Նիդեռլանդիայից, քանի որ թույլ եք տալիս այստեղ բոռալ֊կանչել․ «Կեցցե՜ն գյոզերը, կեցցե՜ն գյոզերը»։ Անեծքի ինչպիսի՜ երկնաքար է, ուրեմն, ընկել այդ կախարդված ու տխմար ժողովրդի գլխին․ ա՜խ, Հիսո՜ւս Քրիստոս։ Ամենայն տեղ հարուստ ու աղքատ, ազնվական ու ռամիկ, ահել ու ջահել, տղամարդ ու կին, ամենքն էլ գոչում են․ «Կեցցե՜ն գյոզերը»։
Եվ ովքե՞ր են այդ բոլոր իշխան մարդիկ, այդ կաշվե շալվարավորները, որ Գերմանիայից են եկել մեզ մոտ։ Նրանց ամբողջ ունեցվածքը վատնվել է աղջիկների, մոլի խաղերի, լրբությունների, անառակությունների, շվայտությունների, անպիտան գործերի, խայտառակ նարդախաղի և պճնամոլության հաղթանակի վրա։ Նրանք մի ժանգոտ մեխ անգամ չունեն քերելու համար այն տեղը, ուր քորվում է։ Հիմա նրանց պետք է եկեղեցիների ու վանքերի ունեցվածքը։
Եվ այնտեղ, իրենց խրախճանքի ժամանակ, որ տեղի է ունեցել այդ անպիտան Կուլեմբուրգի տանը, մյուս անպիտանի՝ Բրեդերոդեի հետ, նրանք փայտե գավերով են խմել՝ հարհամարհանս տյար Բեռլեյմոնի և տիկին կառավարչուհու։ Այո՛, նրանք էլ գոչել են․ «Կեցցեն գյոզերը»։ Ա՜խ, եթե ես աստված լինեի, այնպես կանեի, որ նրանց խմիչքը՝ գարեջուր թե գինի, հեռու ձեզնից, դառնար կեղտոտ ու զզվելի լվացքաջուր, այո, մի գարշահոտ, խայտառակ կեղտաջուր, որի մեջ լվանային իրենց շապիկնեերն ու ապականված անկողնաշորերը։
Այո, զռացե՛ք, ավազակներ, զռացեք՝ «Կեցցե՜ն գյոզերը»։ Այո, ես մարգարե եմ։ Կտեսնեք, որ ամենայն անեծք, թշվառություն, տենդ, ժանտախտ, հրդեհ, ավերածություն, արհավիրք, վերք ու մահը, սև ցավ կթափվի Նիդեռլանդիայի վրա։ Այո, և այդպիսով աստված վրեժ կլուծի ձեր կեղտոտ «Կեցցե՜ն գյոզերը» զռոցի համար։ Եվ ձեր տներից քարը քարի վրա չի մնա, ոչ էլ մի կտոր ոսկոր ձեր անիծյալ ոտքերից, որոնք վազեցին այդ նզովյալ կալվինիստության ու քարոզչության հետևից։ Եվ այսպես եղիցի՛, եղիցի՛, եղիցի՛, ամե՛ն։
― Գնա՛նք, որդյակ, ― ասաց Ուլենշպիգելը Լամմեին։
― Իսկույն, ― վրա բերեց Լամմեն։
Նա քարոզը լսող դեռահասակ ու գեղեցիկ բարեպաշտուհիների մեջ որոնեց, բայց չգտավ իր կնոջը։
XII
Ուլենշպիգելը և Լամմեն հասան այն վայրը, որ կոչվում է Minnewater ― Սիրո ջուր․ բայց մեծ գիտնականներն ու ամենիմացները ասում են, որ Minnewater ― Մինորիտների ջուր պետք է լինի։ Ուլենշպիգելն ու Լամմեն նստեցին ջրի ափին և նայեցին, թե ինչպես սաղարթախիտ ծառերի տակով, որ նրանց վրա ասես ցածլիկ երկնակամար էին կազմում, անցնում են տղամարդիկ ու կանայք, ուղջիկներ և տղաներ՝ ձեռք֊ձեռքի տված, ծաղկեպսակ գլուխներին, քնքշանքով իրար աչքերի մեջ նայելով և իրենցից բացի աշխարհումս ոչինչ չտեսնելով։
Ուլենշպիգելի աչքը Նելեին՝ դիտում էր նրանց։ Այդ թախծոտ հուշերի մեջ նա ասաց․
― Գնանք խմենք։
Սակայն Լամմեն չլսեց Ուլենշպիգելի ասածը և շարունակեց դիտել սիրահար զույգերին։
Մի ժամանակ ես ու կինս նույնպես անցնում էինք ու սիրում իրար այն մարդկանց քթի առաջ, որոնք, ինչպես մենք ենք հիմա, անկնիկ, միայնակ պառկած փոսերի ջրեզրին, ― ասաց նա։
― Գնանք խմենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― մենք Յոթնյակը կգտնենք լիտրանոցի հատակում։
― Խմածի խոսք, ― պատասխանեց Լամմեն, ― դու գիտես, որ Յոթնյակը հսկաներ են ու սուրբ Փրկչի եկեղեցու բարձր առաստաղը նրանց համար ցածր կլինի։
Ուլենշպիգելը տխրագին մտածելով Նելեի մասին, ինչպես նաև խորհելով, որ թերևս որևէ հյուրանոցում կգտնի փափուկ անկողին, համեղ ընթրիք ըդառաջող տիրուհի, կրկնեց․
― Գնա՛նք խմենք։
Սակայն Լամմեն չէր լսում և նայելով Աստվածամոր տաճարի զանգակատանը՝ ասում էր․
― Ո՜վ սուրբ տիրամայր, օրինական սերերի պաշտպան կույս, շնորհ արա, որ մեկ էլ տեսնեմ նրա սպիտակ լանջը, իմ փափուկ բարձը։
― Գնանք խմենք, ― ասում էր Ուլենշպիգելը, ― կգտնես նրան որևէ գինետան մեջ՝ իր լանջը խմողներին ցույց տալիս։
― Ինչպե՞ս ես համարձակվում այդքան վատ կարծիք ունենալ մասին, ― առարկեց Լամմեն։
― Գնանք խմենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― նա անկասկած, որև է տեղ պանդոկապանուհի է։
― Ծարավ մարդու քարոզ, ― ասաց Լամմեն։
― Գուցե և խեղճ ճամփորդների համար հատկապես պահում է տավարի եփած միս, ոչ այնքան ճարպոտ, որի համեմունքները հաճելի բույր են տարածում օդում, փափլիկ, վարդի թերթիկների պես հյութալի, բարեկենդանի կիրակնավուր ձկների պես լող տալիս մեխակի, մշկընկույզի, աքլորակատարի, հորթի կրծքագեղձի և այլ երկնային համադամների միջև։
― Չարասի՛րտ, ― ասաց Լամմեն, ― անպայման ուզում ես ինձ մեռցնել։ Մի՞թե չգիտե՛ս, որ երկու օր է, ինչ ապրում ենք ցամաք հացով ու մի պուտ գարեջրով։
― Քաղցած մարդու քարոզ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Անոթությունից լաց ես լինում․ գնանք ուտենք ու խմենք։ Ես մի սիրուն կես ֆլորիննոց ունեմ, որով կվճարենք մեր կերուխումի արժեքը։
Լամմեն ծիծաղում էր։ Նրանք գնացին վերցնելու իրենց սայլակը և այդպես անցան ամբողջ քաղաքով՝ որոնելով լավագույն պանդոկը։ Տեսնելով խստադեմ պանդոկապանների և նվազ գթասիրտ պանդոկապանուհիների բազմաթիվ դնչեր՝ շարունակեցին առաջ գնալ, մտծելով, որ թթու կերպարանքը լավ խոհանոցի վատ ցուցանակ է։
Եվ այսպես հասան Շաբաթօրյա շուկան, մտան դե Blauwe Lanteern ― Կապույտ լապտեր կոչվող հյուրանոցը, որի տերը բարեմիտ տեսք ուներ։
Գլորեցին սայլակը ծածկի տակ, ավանակին թողնելով որպես ընկեր առվույտի մի լավ խուրձ։ Ապա բերել տվին ընթրիքը, կուշտ կերան խմեցին, մի լավ քնեցին և վեր կացան նորից ուտելու համար։ Լամմեն պայթում էր հաճույքից և ասում․
― Երկնային երաժշտություն եմ լսում իմ ստամոքսից։
Երբ եկավ վճարելու րոպեն՝ պանդոկապանը մոտեցավ Լամմեին և ասաց․
― Ընդամենը տասը պատար։
― Նրանից ստացեք, ― ասաց Լամմեն՝ ցույց տալով Ուլենշպիգելին, որ պատասխանեց․
― Չունեմ ոչ մի պատար։
― Հապա կես ֆլորիննո՞ցը։
― Չունեմ։
― Լա՜վ եք խոսում, ― ասաց պանդոկապանը, ― հիմա ես կհանեմ ձեր բաճկոնակներն ու շապիկը։
Հանկարծ Լամմեն կատարը տաքանալուց քաջացած գոչեց․
― Իսկ եթե ես ուտել֊խմել եմ ուզում, հը՞, խմել֊ուտել եմ ուզում, թեկուզ քսանյոթ ֆլորինի և է՛լ ավելի՝ կխմեմ, այո։ Չլինի՞ կարծում ես, որ քո փողը այս պատվական փորիցս ավելի արժի։ Փա՜ռք աստծու, մինչև օրս դրախտահավով է սնվել նա։ Այսպիսի փոր երբեք դու չես կրել քո ճենճոտ կաշե գոտու տակ, որովհետև որպես չնչին մարդ՝ քո ճրագուն բաճկոնակիդ օձիքի վրա ես կրում, և ոչ թե ինձ պես՝ երեք մատնաչափ համեղ ճարպ փորիս վրա։
Պանդոկապանը սաստիկ կատաղել էր։ Ի բնե թլվատ՝ ուզում էր արագ խոսել, բայց որքան ավելի էր շտապում, այնքան ավելի էր ջրից դուրս եկած շան նման փռշտում։ Ուլենշպիգելը հացի գնդիկներ էր խփում նրա քթին, իսկ Լամմեն է՛լ ավելի ոգևորվելով ասում էր․
― Այո, ես այնքան բան ունեմ, որ կարողանամ վճարել քո երեք լղարիկ հավերի, չորս քոսոտ վառեկների և այդ հիմար սիրամարգի համար, որ կեղտոտ պոչն առած ման է գալիս հավանոցում։ Եվ եթե քո մորթը պառավ աքլորի մաշկից ավելի չոր չլիներ, եթե ոսկորներդ փոշու պես չթափվեին կրծքիդ մեջ՝ ես կարողություն կունենայի ուտելու քեզ էլ, քո խլնքոտ ծառային էլ, միակնանի սպասուհուդ էլ, խոհարարիդ էլ, որը եթե քոս ունենար, թևերը խիստ կարճ կլինեին մարմինը քորելու համար։
― Մի սրան տես, ― շարունակում էր նա, ― այս սիրուն թռչնիկին տես․ կես ֆլորինի համար ուզում է մեր բաճկոնակն ու շապիկը հանել։ Մի ասա, տեսնեմ, քանի արժե քո հանդերձարանը, աներե՛ս քրչոտ․ ես երեք լիար կտամ դրան։
Բայց պանդոկապանը հետզհետե ավելի մոլեգնելով՝ ավելի սաստիկ էր փրփրում և փնչում։
Իսկ Ուլենշպիգելը հացի գնդիկներ էր խփում նրա դեմքին։
Լամմեն առյուծ կտրած՝ շարունակում էր․
― Ի՞նչ ես կարծում, չորացած դունչ, քանի՞ կարժենա գեղեցիկ էշը՝ նուրբ դնչիկով, երկար ականջներով, լայն կրծքով, երկաթի պես ամուր սրունքներով։ Ամենաքիչը տասնութ ֆլորին, այնպես չէ՞, կճուճների թագավոր։ Քանի՞ հատ փտած մեխ ունես սնդուկներիդ մեջ՝ այդպիսի մի գեղեցիկ անասունի գինը վճարելու համար։
Պանդոկապանն է՛լ ավելի էր փնչում, բայց չէ՛ր համարձակվում շարժվել։ Լամմեն շարունակում էր․
― Քո կարծիքով որքա՞ն կարժենա մի գեղեցիկ հացենուց շինված սայլակը՝ շիկակարմիր ներկված, Կուրտրեի կտավե ծածկույթը վրան՝ արևից ու տեղատարափներից պաշտպանվելու համար։ Ամենաքիչը քսանչորս ֆլորին, չէ՞։ Հիմա ասա՝ քսանչորս ու տասնութ ինչքա՞ն կանի։ Ասա՛, անգրագետ բորոտ։ Եվ քանի որ այսօր տոնավաճառի օր է և քո չնչին պանդոկում գյուղացիներ կան՝ հենց հիմա կգնամ ու կծախեմ նրանց։
Եվ այդպես էլ արավ, որովհետև ամենքն էլ ճանաչում էին Լամմեին։ Եվ իսկապես էլ, իր սայլակի ու էշի համար ստացավ քառասունչորս ֆլորին և տասը պատար։ Այնժամ ոսկիները զնգզնգացնելով պանդոկապանի քթի տակ՝ ասաց․
― Գալիք քեֆերի և կերուխումի հոտն առնո՞ւմ ես։
― Այո, ― պատասխանեց պանդոկապանը, ապա կամացուկ ավելացրեց, ― իսկ երբ մորթդ ծախես՝ մի լիարի կգնեմ ու նրանից թալիսման կշինեմ շռայլության դեմ։
Այդ միջոցին մի գողտրիկ, անուշիկ կին, որ մութ բակումն էր, մի քանի անգամ մոտեցել էր պատուհանին ու նայել Լամմեին, ամեն անգամ, երբ Լամմեն կարող էր տեսնել նրա սիրունիկ դնչիկը՝ նա տափ էր կենում։
Երեկոյան, սանդուղքի վրա, երբ Լամմեն մթության մեջ վեր էր բարձրանում և խմած գինու պատճառով օրորվում էր, զգաց, որ մի կին փաթաթվեց իրեն, համբուրեց այտերը, բերանը, նույնիսկ քիթը՝ անհագորեն, թրջելով նրա դեմքը սիրաբուխ արցունքներով, ապա անհետացավ։
Լամմեն, որ խմիչքի պատճառով թմրած էր, պառկեց և քնեց, իսկ հաջորդ օրը Ուլենշպիգելի հետ հասավ Գենտ։
XIII
Այդտեղ նա իր կնոջը փնտրեց բոլոր kaberdoesj-ներում, կազինոներում և գինետներում, իսկ երեկոյան գալիս էր Ուլենշպիգելին գտնելու in de Zigende Zwaan ― Երգեցիկ Կարապ պանդոկում։ Ուլենշպիգելը թափառում էր ամենուրեք՝ տագնապ սփռելու և ժողովրդին ոտքի հանելու հայրենի երկրի դահիճների դեմ։
Մի անգամ Ուրբաթօրյա շուկայում, Dulle Gret[35]֊ի՝ Մեծ թնդանոթի մոտ Ուլենշպիգելը երեսնիվայր պառկեց սալահատակի վրա։
Մի ածխավաճառ մոտեցավ նրան ու ասաց․
― Ի՞նչ ես անում այդտեղ։
― Քիթս եմ թրջում, որ իմանամ, թե ո՛րտեղից է փչում քամին, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Մոտեցավ մի կահագործ։
― Ի՜նչ է, սալահատակը ներքնակի տե՞ղ ես ընդունել։
― Կան այնպիսիսներ էլ, որ շուտով դա կընդունեն որպես վերմակ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Կանգ առավ մի վանական։
― Այդ ավանակն ի՞նչ է անում այդտեղ, ― հարցրեց նա։
― Բերանքսիվայր խնդրում է ձեր օրհնությունը, տե՛ր հայր, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Վանականն օրհնեց նրան ու գնաց։
Այնժամ Ուլենշպիգելը՝ ականջը գետնին պառկեց։ Մոտեցավ մի գյուղացի և հարցրեց․
― Աղմուկ լսո՞ւմ ես տակից։
― Այո, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― լսում եմ, թե ինչպես են աճում ծառերը, որոնց խռիվների վրա պիտի վառվեն խեղճ հերետիկոսները։
― Ուրիշ բան էլ չե՞ս լսում, ― հարցրեց համայնքի մի ոստիկան։
― Լսում եմ, ― ասաց Ուլենշպիգելը, ― Իսպանիայից եկող ժանդարմերիայի ոտնաձայնը․ եթե թաքցնելու որևէ բան ունես՝ թաղիր հողի տակ, որովհետև շուտով քաղաքները գողերի պատճառով այլևս ապահով չեն լինի։
― Գիժ է, ― ասաց համայնքի ոստիկանը։
― Գիժ է, ― կրկնեցին քաղաքացիները։
XIV
Սակայն Լամմեն այլևս բան չէր ուտում ու շարունակ մտածում էր Blauwe Lanteern֊նի սանդուղքի վրա պատահած քաղցր անուրջի մասին։ Նա ամբողջ սրտով ձգտում էր դեպի Բրյուգգե, բայց Ուլենշպիգելը բռնի նրան տարավ Անտվերպեն, ուր նա շարունակեց իր ապարդյուն որոնումները։
Ուլենշպիգելը նստում էր պանդոկներում՝ ռեֆորմացիան ընդունած բարի ֆլամանդցիների, նույնիսկ ազատության բարեկամ կաթոլիկների հետ և սկսում խոսել հրովարտակների մասին․ «Նրանք այստեղ էլ ինկվզիցիա են բերում՝ մեզ հերետիկոսությունից մաքրելու պատրվակով․ բայց այդ խավարծիլը[36] մեր քսակները մաքրելուն է ծառայելու։ Մենք սիրում ենք բուժման ենթարկվել միայն այն ժամանակ, երբ այդ բուժումը հաճելի է մեզ․ մենք էլ կբարկանանք, կապստամբենք, զենքի կդիմենք։ Թագավորն այդ նախօրոք գիտե։ Տեսնելով, որ մենք խավարծիլ չենք ուզում՝ նա մեջտեղ կբերի գրեխիկներ,[37] այսինքն մեծ ու փոքր թնդանոթները՝ հրահարներ և լայներախ ռմբանետներ։ Արքայակա՜ն փորամաքրում։ Այդ ձևով բուժված Ֆլանդրիայում այլևս ոչ մի հարուստ ֆլանդրիացի չի մնա։ Մեր երկրի աչքը լույս, որ այդպիսի արքայական բժիշկ ունի»։
Եվ քաղաքացիները ծիծաղում էին։
Իսկ Ուլենշպիգելն ասում էր․
― Այսօր ծիծաղեցեք, միայն թե փախեք կամ զինվեք այն օրը, երբ Աստվածածնի տաճարում մի որևէ բան ջարդեն։
XV
Օգոստոսի տասնհինգին, աստվածածնի վերափոխման և բերքի ու պտուղների օրհներգի տոնին, երբ առատ կուտից փքված հավերը խուլ են իրենց համար սիրականչ նվագող աքաղաղների շեփորին, մի խոշոր, քարե խաչելություն ջարդեց Անտվերպենի դարպասներից մեկում՝ կարդինալ Գրանվելլայի ծառայության մեջ գտնվող մի իտալացի, և եկեղեցական թափորը դուրս եկավ Աստվածամոր տաճարից՝ հետևը գցած ծաղրածու֊խեղկատակներ՝ կանաչ, դեղին, կարմիր[38] հագած։
Բայց ճանապարհին անծանոթ մարդիկ անարգեցին սուրբ կույսի արձանը, որն անմիջապես հետո տարան ու դրեցին եկեղեցու խորանը և փակեցին դրա վանդակադուռը։
Ուլենշպիգելն ու Լամմեն մտան աստվածածնի եկեղեցին։ Գջլոտ, ցնցոտիավոր պատանիներ, դրանց մեջ և մի քանի մարդ, որոնց ոչ ոք չէր ճանաչում, կանգնել էին ամբիոնի առաջ և իրար զանազան նշաններ ու ծամածռություններ էին անում, ձեռքերով ու ոտքերով ահագին աղմուկ բարձրացնում։ Նրանց ոչ ոք չէր տեսել Անտվերպենում, ոչ էլ հետո տեսավ։ Նրանցից մեկը, որի դեմքն ասես խորոված սոխ լիներ, հարցրեց, թե չլինի՞ Մարիամիկը, այսինքն աստվածամայրը, վախեցել էր, որ այդպես ափալ֊թափալ վերադարձավ եկեղեցի։
― Քեզնից չէ, որ վախեցել է, սև՛ սատանա, ― ասաց Ուլենշպիգելը։
Երիտասարդը, որին ասաց այդ խոսքը, շարժվեց դեպի Ուլենշպիգելը՝ ծեծելու մտադրությամբ, բայց Ուլենշպիգելը սեղմեց նրա ծոծրակն ու ասաց․
― Եթե խփես՝ այնպես կանեմ, որ լեզուդ դուրս գցես։
Ապա, դառնալով դեպի այդտեղ կանգնած անտվերպեցիները և ցույց տալով գջլոտ երիտասարդներին, ասաց․
― Պարոններ և տիկիններ, զգուշացեք․ սրանք կեղծ ֆլամանդացիներ, կաշառված դավաճաններ են՝ մեզ տանելու են դեպի աղետ, թշվառություն ու կործանում։
Ապա դառնալով այդ անհայտ մարդկանց՝ ավելացրեց․
― Հը, իշի մռութնե՛ր, անոթի, քաղցած թշվառներ, որտեղի՞ց է այդ փողը, որ այսօր զնգզնգում է ձեր քսակներում։ Հո առաջուց չե՞ք ծախել ձեր մորթը, որ դրանից թմբուկ շինեն։
Հետո միասին դիմելով աստվածածնին՝ սկսեցին աղաղակել։
― Ի՜նչ լավ շրջազգեստ ունի Մարիամիկը, ի՜նչ լավ թագ ունի Մարիամիկը։ Հաճությամբ կընծայեի դրանք իմ սիրեկանին։
Նրանք դուրս եկան․ բայց նրանցից մեկը բարձրացել էր բեմ և այդտեղից ափեղ֊ցփեղ բաներ էր ասում, ուստի խումբը նորից ներս եկավ գոռգոռալով․
― Իջի՛ր Մարիամի՛կ, իջի՛ր, քանի դեռ քեզ ցած չեն բերել։ Մի հրաշք կատարի՛ր, որ տեսնենք, Մարիամի՛կ, թե նույնքան լավ քայլո՞ւմ ես, որքան ուրիշի ուսերի վրա տարվում, ծույլ անպիտա՛ն։
Իզուր էր Ուլենշպիգելը գոռում՝ «Աստվածության վարպետնե՛ր, վե՛րջ տվեք այդ խայտառակ խոսքերին․ չարիքի պատճառ եք դառնում», նրանք չէին դադարում, ոմանք նույնիսկ պահանջում էին ջարդել խորանի վանդակադուռը և Մարիամիկին բեմից ցած իջեցնել։
Այդ բանը լսելով մի պառավ կին, որ եկեղեցում մոմ էր ծախում, իր ոտնաջեռուցիկից մոխիր վերցրեց ու շպրտեց նրանց դեմքերին, բայց նրան ծեծեցին ու գցեցին գետին։ Եվ ապա իրարանցումը ծայր առավ։
Մարկգրաֆն իր ոստիկանների հետ մտավ եկեղեցի։ Տեսնելով, որ ժողովուրդը խռնվել է՝ ստիպեց դուրս գալ, բայց այնքան մեղմ կերպով, որ մի քանիսը հազիվ կարողացան դուրս գալ, շատերն էլ ասում էին․
― Նախ և առաջ ուզում ենք, որ հոգևոր հայրերը եկեսցե երգեն ի պատիվ Մարիամիկի։
― Չի՛ երգվի, ― պատասխանեց Մարկգրաֆը։
― Ուրեմն մենք ինքներս կերգենք, ― վրա բերին գջլոտ անծանոթները։
Եվ սկսեցին երգել եկեղեցու ատյանում ու նախագավթում։ Ոմանք krieke steenen (կեռասի կորիզ) էին խաղում և ասում․ «Մարիամի՛կ, դրախտում դու երբեք չես խաղում ու ձանձրանում ես, եկ միասին խաղանք»։
Եվ անընդհատ անարգում էին արձանը, աղմկում, հույ֊հույ անում ու սուլում։
Մարկգրաֆը ձևացավ, թե վախենում է, ու գնաց։ Նրա հրամանով եկեղեցու բոլոր դռները փակեցին, բացի մեկից։
Անհայտ գջլոտներն ավելի լկտիացան և ավելի սաստիկ սկսեցին զազրախոսել, բայց ժողովուրդն ամենևին չէր խառնվում դրան։ Կամարները թնդում էին՝ ասես հարյուրավոր հրանոթների որոտից։
Այնժամ նրանցից մեկը, այն, որ խորոված սոխի կերպարանք և կարծես որոշ իշխանություն ուներ, բարձրացավ բեմ, ձեռքով նշան արավ և սկսեց քարոզ կարդալ․
― Յանուն հօր, և որդոյ, և հոգույն սրբոյ․ երրորդութիուն ի մի, և մինն ի երրորդութիուն։ Արքայության մեջ աստված մեզ կազատի թվաբանությունից․ այսօր՝ օգոստոսի քսանիննին, Մարիամիկը մեծագին և շքեղազարդ զգեստավորումներով դուրս եկավ, որպեսզի իր փայտե դեմքը ցույց տա Անտվերպենի տյարց և տիրուհյած։ Բայց թափորի ժամանակ Մարիամիկը հանդիպեց դև սատանային, և սատանան, ծաղրելով նրան, ասաց․ Ինչպե՜ս ես հպարտացել այդպես թագուհու պես զուգվելով, Մարիամի՛կ, և չորս տիկինների ուսերին տարվելով, որ չես ուզում անգամ նայել խեղճ սատանային, որ հետիոտն է ճամփա գնում»։ Իսկ Մարիամիկը պատասխանեց․ « Կորի՛ր, սատանա՛, ապա թե ոչ գլուխդ ավելի ուժգին կջարդեմ, զզվելի՛ օձ»։ «Մարիամի՛կ, ― ասաց սատանան, ― հազար հինգ հարյուր տարի է, որ գործիդ անունը այդ է, բայց փրկչի՝ քո տիրոջ հոգին ինձ ազատեց։ Ես քեզնից ավելի հզոր եմ, դու չես կարող գլուխս տրորել, իսկ ես հիմա քեզ պար կածեմ»։ Եվ սատանան վերցրեց մի մտրակ՝ խիստ շառաչուն, և սկսեց դրանով խփել Մարիամիկին, որ վախենալով իր ահը ցույց տալուց, չէր համարձակվում ճչալ։ Այն ժամանակ նա սկսեց արագաքայլ վազել՝ փութացնելով և՛ իրեն տանող տիկնանց, որ նրանք էլ վազ տան, որպեսզի իր ոսկե թագով ու զարդարանքներով չընկնի աղքատ ժողովրդի ձեռքը։ Եվ հիմա Մարիամիկը ահաբեկված ու ձայնը կտրած նստել է իր որմնախորշում և զննում է սատանային, որ նստած է այնտեղ, սյունի գլխին, փոքր գմբեթի տակ՝ բռնել է իր մտրակը ու տնազ է անում․ «Ես քո հոգին կհանեմ այն արյան և արցունքի համար, որ թափվում է քո անունից, Մարիամի՛կ, ինչպե՞ս է քո կուսական որպիսությունը։ Բնիցդ դուրս գալու ժամը հասել է։ Քեզ հիմա երկու կտոր կանեն, փայտե չնչին արձա՛ն, այն բոլոր միս ու ոսկորե կենդանի արձանների համար, որոնց անխիղճ կերպով վառել են, կախել, ողջ֊ողջ թաղել»։ Այսպես խոսեց սատանան և լավ խոսեց։ Եվ պետք է իջնես քո որմնախորշից, արյունարբո՛ւ Մարիամիկ, անխի՛ղճ Մարիամիկ, որ ամենևին որդուդ՝ Քրիստոսին նման չեղար։
Եվ չարահայտների ամբողջ ոհմակը աղմկում էր, մոլեգնում ու բարբաջում․
― Մարիամի՛կ, Մարիամի՛կ, դուրս գալուդ ժա՛մն է։ Չլինի՞ բնումդ նստած, ահից թրջել ես տակի շորերդ։ Հապա՛, Բրաբանտի բարի դքսի հպատակնե՛ր, մի այդ փայտե սրբերին տկլորացրեք, գցեք Շելդան՝ թող լողանան։ Փայտը ձկնից ավելի լավ է լող տալիս։
Ժողովուրդը լսում էր նրանց, բայց ծպտուն չէր հանում։
Իսկ Ուլենշպիգելը բարձրանալով բեմ՝ բռնի ստիպեց խոսողին սանդուղքից իջնել։
― Կապելու գժե՛ր, ― ասաց նա դիմելով ժողովրդին, ― ընկնավո՛ր գժեր, ցնդա՛ծ անպիտաններ, որ ձեր խլնքոտ քթից դենը ոչինչ չեք տեսնում․ միթե չե՞ք հասկանում, որ այս ամենը դավաճանների գործն է։ Նրանք ուզում են ձեզ ստիպել սրբապղծություն գործել և կողոպուտ անել, որպեսզի ապսատմբ հայտարարեն ձեզ, դատարկեն ձեր սնդուկները, կտոր֊կտոր անեն ձեզ ու ողջ֊ողջ վառեն։ Եվ ձեր ունեցվածքը կժառանգի թագավորը։ Տյա՛րք և տիկնա՛յք, ամենևին հավատք մի՛ ընծայեք չարագործության այս վարպետների խոսքերին․ թողե՛ք աստվածածնին իր խորշի մեջ, ապրեցե՛ք հաստատապես, աշխատեցեք զվարթագին՝ ծախսելով ձեր շահն ու վաստակը։ Ավերածության սև դևը աչքը տնկել է ձեզ վրա․ ավարառության ու կործանվելու համար է նա կանչելու թշնամու բանակը, որպեսզի հետո էլ ապստամբ հռչակի ձեզ և ձեր գլխին իշխան դնի Ալբայի դքսին՝ իր դիկտատուրայով, ինկվիզիցիայով, բռնագրավմամբ ու մահով։ Եվ ձեր ունեցվածքը ժառանգելու է նա՛։
― Ավա՜ղ, ― ասում էր Լամմեն, ― մի՛ կողոպտեք, տյա՛րք և տիկնա՛յք, թագավորն արդեն խիստ զայրացել է։ Ասեղնագործ պառավի աղջիկն է ասել իմ բարեկամ Ուլենշպիգելին։ Մի՛ կողոպտե՛ք, պարոնա՛յք։
Բայց ժողովուրդը չէր կարող լսել նրանց։
Չարահամբավները աղաղակում էին․
― Ավար ու ջա՛րդ։ Զարկ ու թալանի՛ր, Բրաբանտի ժողովուրդ։ Փայտե սրբերին ջո՛ւրը գցիր։ Ձկներից ավելի լավ են լողում նրանք։
Ուլենշպիգելը բեմում կանգնած եռանդագին գոչում էր․
― Տյա՛րք և տիկնա՛յք, կողոպուտի ո՛չ մի փորձ, դժբախտություն մի՛ բերեք քաղաքին։
Բայց նա այդտեղից ցած բերվեց՝ դեմքը, բաճկոնակը, շալվարը ամբողջովին պատառոտված, չնայած նրա՝ ձեռք ու ոտքով վրեժ լուծելուն։ Եվ բոլորովին արյունլվա՝ նա չէր դադարում գոչել․
― Կողոպուտի ո՛չ մի փորձ։
Բայց զուր անցան նրա ճիգերը։
Չարահամբավներն ու քաղաքի գջլոտները հարձակվեցին բեմի ճաղերի վրա ու մագլցեցին վրայից՝ գոչելով «Կեցցե՜ն գյոզերը»։
Եվ ամենքն էլ սկսեցին ջարդել, ավերել ու ավարի մատնել։ Կեսգիշերը չէր եղել դեռ, որ այդ հսկայական եկեղեցին, ուր յոթանասուն խորան կար, ամեն տեսակ գեղեցիկ նկարներ ու թանկարժեք իրեր, դատարկվեց ընկույզի պես։ Խորանները փշրվեցին, նկարները ցած գցվեցին և ամենայն փականք ջարդվեց։
Այդ ամենն անելուց հետո չարահամբավները ճանապարհ ընկան նույնն անելու Մինորիտների, Ֆրանցիսկյանների, Սուրբ Պետրոսի, քաղաքամիջի, Ֆավկենսի Սպիտակ քույրերի հետ, Գորշ քույրերի, Երրորդ կարգի, Քարոզչաց եկեղեցիներում ու քաղաքի բոլոր ժամերում ու մատուռներում։ Նրանք վերցրին այդտեղից աշտանակներն ու կերոնները և այդպես խուժեցին ամեն տեղ։
Նրանց մեջ ոչ կռիվ եղավ, ոչ վեճ, ոչ մեկը չվիրավորվեց քարի, փայտի ու շինանյութերի այդ վիթխարի ավերածության ժամանակ։
Նրանք հասան Հաագա, որպեսզի ձեռք զարկեն արձանների ու խորանների կործանման․ բայց ոչ այդտեղ, ոչ էլ այլուր ռեֆորմիստները չաջակցեցին նրանց։
Հաագայում քաղաքապետը հարցրեց նրանց, թե ո՛րտեղ են իրենց հրահանգողները։
― Այստեղ է, ― ասաց դրանցից մեկը՝ խփելով կրծքին։
― Նրանց հրահանգողները, լսո՞ւմ եք՝ տյա՛րք և տիկնա՛յք, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Ուրեմն կա մեկը, որ նրանց լիազորում է սրբապղծություններ գործել։ Ուրեմն եթե որևէ ավազակ գա իմ հյուղակը՝ ես էլ Հաագայի քաղաքապետի պես պիտի անեմ, գլխարկս հանեմ և ասեմ․ «Ազնիվ ավազակ, շնորհագե՛ղ անպիտան, պատվարժան տխմար, ցույց տուր տեսնեմ քո հրահանգչին»․ նա էլ ինձ կասի, որ այդ հրահանգիչը իմ ունեցվածքին ծարավի իր սրտի մեջն է։ Ես էլ ամեն ինչի բանալիները կտամ նրան։ Հասկացեք, հասկացեք, թե ո՛վ է օգտվում այս կողոպուտից։ Զգուշացե՛ք Կարմիր շնից։ Քարե խոշոր խաչելությունը ջարդված է։ Զգուշացե՛ք Կարմիր շնից։
Մալինի Գերիշխան խորհուրդը իր նախագահ Վիգլիուսի միջոցով հրահանգել էր ոչ մի արգելք չհարուցել պատկերները ջարդելուն։
― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը, ― հունձը հասել է իսպանական հնձվորների համար։ Դո՜ւքսը․ դուքսը մեզ վրա է գալիս։ Ֆլամանդացինե՛ր, ծովը բարձրանում է, վրիժառության ծովը։ Խե՜ղճ կանայք ու աղջիկներ, փախե՛ք, այլապես ձեզ կենդանի կթաղեն։ Խե՜ղճ մարդիկ, փախեք կախաղանից, կրակից սրից։ Ֆիլիպն ուզում է ավարտել Կառլոսի արյունոտ գործը։ Հայրը մահ ու աքսոր սերմանեց․ որդին երդվեց, որ ինքը կգերադասի թագավորել գերեզմանատան, քան թե մի հերետիկոս ժողովրդի վրա։ Փախե՛ք, դահիճն ու գերեզմանափորները մոտիկ են։
Ժողովուրդը ունկնդրում էր Ուլենշպիգելին, և հարյուրավոր ընտանիքներ հեռանում էին քաղաքներից․ ճանապարհները բռնված էին ինքնակամ աքսոր գնացողների կահույքով բարձված սայլերով։
Ուլենշպիգելը գնում էր ամեն տեղ՝ իր ցավը ողբալու և կորցրած սերը փնտրող Լամմեի ընկերակցությամբ։
Իսկ Դամմեում Նելեն լաց էր լինում խելացնոր Կատլինի մոտ։
- ↑ Բնագրում գրված coiffe բառը
- ↑ թունդ գարեջրի տեսակ։
- ↑ Ակնարկ, որ որձատվածները չեն կարող պապ ընտրվել։
- ↑ Գարեջրի տեսակ (ֆլամանդ)։
- ↑ Պարզունակ երաժշտական գործիք։
- ↑ Կառլոս V կայսրը ծնվել է Գենտում։
- ↑ Դեղնագույն սքեմ, որ հագցնում էին խարույկի վրա այրվելու դատապարտվածներին։
- ↑ Թունդ գարեջրի տեսակ։
- ↑ Ողջույն քեզ, Մարիամ, լի շնորհոք և օրհնյալ եղիցի պտուղ որովայնի քո Հիսուա։
- ↑ Ծանրության չափ դրամի համար, ներկա հաշվով մոտ մեկ և կես գրամ։
- ↑ «Երկնագույն աշտարակ» (ֆլամանդ)։
- ↑ Հռոմի պապը։
- ↑ Հին հույներն ու հռոմեացիները Բախտը (ֆորտունան) ներկայացնում էին կնոջ տեսքով՝ աչքերը կապածված։
- ↑ Երգիծական անուն, որ նշանակում է՝ խայտառակ, անպատկառ եղբայրներ։
- ↑ Հաստլիկ (ֆլամանդ․)։
- ↑ Վե՛ր կաց, վե՛ր կաց։ Լսի՛ր հրամանը։ Կենդանացի՛ր, շո՛ւն (ֆլամանդ․)։
- ↑ «Կարմիր վահան (ֆլամանդ․)։
- ↑ Միայն խոստովանահորը լսելի։
- ↑ Սուրբ իրերի, եկեղեցական պաշտոնի առուծախ (Սիմոն կախարդի անունից)։
- ↑ Rosaire ― երկար համրիչ է՝ կազմված 15 տասնյակ «Ողջույն քեզ, Մարիամ» կոչվող ուլունքից, ամեն մի տասնյակին մեկ հատ «Հայր մեր»․ աղոթելիս կենտրոնանալու համար է։ Դրա նման է և մեր «Տեր ողորմյա» անունը՝ համրիչի փոխարեն։
- ↑ Կառլոս Հինգերորդն իրոք խիստ որկրամոլ էր։
- ↑ Estrapade ― կիրառվում էր գլխավորապես նավի վրա․ մի բարձր սյունից կախում էին պատժվողին և ճախարակավոր պարանի միջոցով գցում ծովը ու հանում՝ կրկրնելով շատ անգամ։ Նույն պատիժը կիրառվում էր և ցամաքում։
- ↑ Բրնձի շիլա (ֆլամանդ․)։
- ↑ Orfraire ― գիշատիչ թռչուն, արծվի մի տեսակ։
- ↑ Կախարդների ու կախարդուհիների գիշերահավաք, որ, ըստ ժողովրդական սնահավատության, տեղի էր ունենում շաբաթ օրը, կես գիշերին, սատանյի նախագահությամբ։
- ↑ Այստեղ անարգանքի իմաստով, որպես օտարերկրյա նվաճող ու հարստահարիչ։
- ↑ Ապխտած ձուկ (ֆլամանդ)։
- ↑ Ըստ հունական դիցաբանության, Ատլասը (Ատլանտը), Զևսի որդին, դատապարտված էր իր ուսերի վրա կրելու երկրագունդը։ Նրա անունից էլ Ատլաս լեռները, Ատլանտյան օվկիանոսը։
- ↑ Մադրիդից 50 կմ հեռու գտնվող արքայական խոշոր պալատ ու վանք, որ կառուցվել էր հենց նույն Ֆիլիպ II֊ի հրամանով։
- ↑ Ֆրանսիական gueux բառը նշանակում է խիստ աղքատ, մուրացիկ։ Բեռլեյմոնի այդ անարգական բառը հետագայում ընդգրկեցին Ֆիլիպ II֊ի դեմ ապստամբած բոլոր նիդեռլանդցիները, ուստի և թողնում ենք նույնությամբ՝ առանց թարգմանելու։
- ↑ Եվրոպական ժողովուրդները հաճախ հայհոյանքը կազմում են աստծու անունով կամ նրան մասնակից դարձնելով, բայց մեղմ արտահայտություններով։ Այստեղ Սապերմիլեմենտեի առաջին մասը եղել է սակրա (sacra), որ նշանակում է սուրբ, օծված։
- ↑ Հաջող բառախաղ, bremeux ֆրանսերեն նշանակում է կղկղանքոտ մարդ։ Բրենտիոս անվանը տրված է գրեթե նույնահնչյուն մի ածական, ուստի և թողնում ենք նույնությամբ։
- ↑ Այդ դարերում, իրոք, եղել է հագուստի գործածությունը ժխտող և նախնական պարզակեցության վերադառնալու ձգտող մի աղանդ՝ ադամականները, որոնց անունը վերցված է Ադամ նախահորից։
- ↑ Ռեֆորմացիայի շրջանում լիբերտին (անկաշկանդ ազատախոհ) անունն էին տալիս նրանց, ովքեր չէին ենթարկվում կրոնի կարգապահությանը։
- ↑ Խենթ Գրետա (ֆլամանդ․)
- ↑ Խավարծիլ կամ գարծիլ՝ թթու֊քաղցրահամ բույս, որի արմատներից լուծողական է պատրաստվում։
- ↑ Գրեխիկ կամ հոգնա ― ստամոքսը մաքրելու հարմարանք։
- ↑ Միջին դարերում Եվրոպայում կրոնական մի քանի տոներ, որ տեղի էին ունենում ծաղրածուների մասնակցությամբ, հաճախ կոչում էին «Գժերի տոն»։