«Կնքահայրը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կնքահայրը |հեղինակ = Մարիո Պյուզո |թարգմանիչ = Ռուզան Ղազարյան (անգլերենից)...»:) |
չ |
||
Տող 66. | Տող 66. | ||
Կինը ծիծաղում էր։ Ջոնին բռունցքով հասցրեց նրա փորին, և նա ընկավ հատակին։ Նա ընկավ կնոջ վրա ու զգաց նրա անուշ շունչը, երբ, շնչահեղձ լինելով, կինը բացեց բերանը, նա կսմթում էր կնոջ թևերն ու մետաքսե ազդրերը, նա ծեծում էր կնոջը, ինչպես մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց, պատանի, Նյու Յորքի «դժոխքի խոհանոցում» ծեծում էր իրենից փոքրիկ երեխաներին։ Ցավոտ ծեծ, որից ոչ մի հետք չի մնում, ոչ մի ատամ չի ընկնում, քիթ չի ջարդվում։ Սակայն կնոջը ցավոտ էլ չէր ծեծում։ Ուղղակի չէր կարող նրան իսկապես ծեծել։ Իսկ կինը պարզապես ծիծաղում էր նրա վրա։ Հատակին փռված, շքեղ զգեստի փեշը վեր բարձրացած, կինը ծաղրում էր նրան՝ ծիծաղից խեղղվելով։ | Կինը ծիծաղում էր։ Ջոնին բռունցքով հասցրեց նրա փորին, և նա ընկավ հատակին։ Նա ընկավ կնոջ վրա ու զգաց նրա անուշ շունչը, երբ, շնչահեղձ լինելով, կինը բացեց բերանը, նա կսմթում էր կնոջ թևերն ու մետաքսե ազդրերը, նա ծեծում էր կնոջը, ինչպես մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց, պատանի, Նյու Յորքի «դժոխքի խոհանոցում» ծեծում էր իրենից փոքրիկ երեխաներին։ Ցավոտ ծեծ, որից ոչ մի հետք չի մնում, ոչ մի ատամ չի ընկնում, քիթ չի ջարդվում։ Սակայն կնոջը ցավոտ էլ չէր ծեծում։ Ուղղակի չէր կարող նրան իսկապես ծեծել։ Իսկ կինը պարզապես ծիծաղում էր նրա վրա։ Հատակին փռված, շքեղ զգեստի փեշը վեր բարձրացած, կինը ծաղրում էր նրան՝ ծիծաղից խեղղվելով։ | ||
− | + | — Լավ, Ջոնի, լավ, մոտ եկ, գիտեմ ուզածդ։ | |
Ջոնի Ֆոնթեյնը ոտքի կանգնեց։ Նա ատում էր հատակին փռված այդ կնոջը, որի գեղեցկությունը կախարդական ուժով պահապան էր նրան։ Մարգոն ետ քաշվեց նրանից, տեղից վեր թռավ պարուհու ճարպկությամ, և սկսեց փոքրիկ աղջկա նման պարելով երգել. | Ջոնի Ֆոնթեյնը ոտքի կանգնեց։ Նա ատում էր հատակին փռված այդ կնոջը, որի գեղեցկությունը կախարդական ուժով պահապան էր նրան։ Մարգոն ետ քաշվեց նրանից, տեղից վեր թռավ պարուհու ճարպկությամ, և սկսեց փոքրիկ աղջկա նման պարելով երգել. |
22:33, 14 Հուլիսի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Մարիո Պյուզո |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Գիրք առաջին
Ամեն մեծ հարստության տակ հանցագործություն կա։
― Բալզակ
Գլուխ առաջին
Ամերիգո Բոնասերան Նյու Յորքի Երրորդ շրջանային դատարանում նստած սպասում էր, թե երբ պետք է արդարադատություն կատարվի և պատժվեն մեղավորները, որ դաժանորեն խոշտանգել էին իր դստերը, փորձելով բռնաբարել։
Ազդեցիկ, պատկառելի տեսքով դատավորը սև պատմուճանի թևքերը ետ քաշեց, ասես պատրաստվում էր իր ձեռքով դատաստան տեսնել դատավորի սեղանի առջև կանգնած տղեկների հետ։ Նրա կարծր դեմքը քարացել էր այդ անարժանների հանդեպ բարձրամիտ արհամարհանքից։ Սակայն ողջ այդ իրադրության մեջ կեղծ ինչ֊որ բան էր զգացվում։ Ամերիգո Բոնասերան զգում էր այդ, սակայն չէր կարողանում լիովին հասկանալ, թե ինչ է կատարվում։
— Դուք ձեզ ամենահետին սրիկաների նման եք պահել,― խստորեն ասաց դատավորը։
Այո, այո, մտածում էր Ամերիգո Բոնասերան։ Այո, այդպես է։ Անասուններ։ Իսկական անասուններ։
Տղեկները՝ մազերը նորաձև սանրվածքի, հատուկ քսուքով փայլեցված, ողորկ դեմքերին կեղծ բարեպաշտ արտահայտություն տված, մեղայական տեսքով կախ էին գցել գլուխները։
Դատավորր շարունակում էր.
— Դուք ձեզ պահել եք ջունգլիների վայրի գազանների նման։ Ձեր բախտից է, որ չեք հաջողացրել պատվազրկել խեղճ աղջկան, թե չէ ձեզ մի քսան տարով բանտ կդնեի։― Նա դադար առավ, սպառնալից խոժռռած հոնքերի տակից խորամանկ հայացքը սահեցրեց Ամերիգո Բոնասերայի արյունազուրկ դեմքով։ Հետո՝ ավելի խոժոռվեց, ուսը թոթվեց, ասես հաղթահարելով բնական զայրույթը, և ավարտեց։― Սակայն, նկատի առնելով ձեր հասակը, ձեր մինչ այս չարատավորված անունը և ձեր ծնողների բարի համբավը, ինչպես նաև հաշվի առնելով, որ օրենքն իր անասելի իմաստնությամբ մեզ կոչ չի անում վրեժխնդրության, դատապարտում եմ ձեզ յուրաքանչյուրիդ երեքական տարվա բանտարկության՝ պայմանական։
Զգացմունքները զսպելու քառասնամյա մասնագիտական սովորույթը միայն ուժ տվեց հուղարկավորող Բոնասերային թաքցնելու իրեն համակած զայրույթն ու կատաղությունը։ Նրա ջահել, սիրունիկ աղջիկը դեռ պառկած է հիվանդանոցում ջարդված ծնոտով, դեմքին դրված կարերից այլանդակված, իսկ այս վիժվածքներին իրավունք են տալիս ազատ ման գալու։ Ուրեմն այս ամենը կատակերգությո՞ւն էր։ Ահա ուրախությունից փայլող ծնողները խմբվել են իրենց աչքի լույս զավակների շուրջը։ Ուրախ կլինեն, հապա ինչպե՜ս։ Ուրախանալու բան ունեն։
Դառն մի կծիկ սեղմեց Բոնասերայի կոկորդը։ Նա ատամները սեղմեց, ծոցագրպանից հանեց քաթանե սպիտակ թաշկինակն ու սեղմեց շրթունքներին։ Այդպես նա կանգնել էր անցումի մոտ, և այն երկու անամոթ, լկտի լակոտները քմծիծաղով անցան կողքից ու նույնիսկ չնայեցին էլ վրան։ Նա առանց ձայն հանելու թողեց, որ անցնեն-գնան, միայն բերանը ավելի պինդ սեղմեց թաշկինակով։
Տղեկների ետևից գնացին ծնողները՝ երկու կին և երկու տղամարդ, Բոնասերայի տարիքի, միայն բնիկ ամերիկացիների նման հագնված։ Սրանք Բոնասերային նայեցին մի քիչ շփոթված, սակայն և կարծես կռվելու պատրաստ, մի տեսակ թաքցված հրճվանքով։ Բոնասերան իրեն կորցրած առաջացավ և, մի աթոռի հենվելով, բղավեց խռպոտած ձայնով,
— Դուք էլ ինձ պես լաց կլինեք, ես ձեզ կստիպեմ լաց լինել, ինչպես ձեր որդիներն ինձ լացացրին։― Նա թաշկինակը սեղմեց աչքերին։
Դատապաշտպանները, որ եզրափակում էին երթը քայլելով իրենց պաշտպանյալների հետևից, զսպեցին երկու երիտասարդներին, որ փորձում էին հետ գալ ու պաշտպանել իրենց ծնողներին։ Դատական կատարածուն, մի աժդահա, շտապ կտրեց Բոնասերայի ճանապարհը։ Սակայն դրա կարիքը չկար։
Ամերիկայում ապրած այս բոլոր տարիներին Բոնասերան հավատում էր օրենքին և օրինականությանը։ Ապրում էր ըստ օրենքի, և օրինականությամբ էլ հաջողության էր հասել։ Եվ հիմա թեև ատելություննից գիտակցությունը մթագնում էր, ուզում էր զենք առնել ու սպանել այդ երկու սրիկաներին, դարձավ շվարած ու ոչինչ չհասկացած կնոջն ու ասաց.
— Մեզ վրա ծիծաղեցին։― Նա լռեց, ապա վերջնական վճիռ կայացնելով, չմտածելով արդեն, թե դա ինչ կարող էր արժենալ իր համար, ավելացրեց։— Արդարադատության համար Դոն Կորլեոնեի ոտը պիտի գնանք։
Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկի շքեղ կահավորված լյուքսում Ջոնի Ֆոնթեյնը սոսկալի հարբած ընկած էր, ինչպես խանդի տառապանքներից բզկտված սովորական մի ամուսին։ Կարմիր գահավորակին մեկնված, նա վիսկին խմում էր հենց շշից, հետն էլ բյուրեղապակյա բաժակից կում֊կում կուլ տալով սառույցի կտորներով ջուրը։
Առավոտյան ժամը չորսն էր, և նա ալկոհոլից տաքացած երևակայությամբ անիրական ծրագրեր էր կազմում անառակ կնոջը սպանելու, եթե տուն վերադառնա։ Եթե, իհարկե, վերադառնա։ Այդ ժամին անհնարին էր զանգ տալ առաջին կնոջն ու հարցնել փոքրիկների մասին։ Իսկ մտածել անգամ, թե հիմա, երբ իր ապագան փաստորեն ցավալի վախճան է ունեցել, կարող էր զանգ տալ նախկին բարեկամներից մեկնումեկին, ծիծաղելի էր։ Կար ժամանակ, երբ նրանցից յուրաքանչյուրը միայն շոյված կլիներ առավոտյան չորսին իր զանգի համար, սակայն հիմա նա միայն ջղայնություն էր պատճառում նրանց։
Նա լսեց, ինչպես կինը բանալին պտտեց փականքում, սակայն շիշը բերնից չհեռացրեց, մինչև կինը սենյակ չմտավ և չկանգնեց իր առջև։
Կինր գեղեցկուհի էր՝ հրեշտակի դեմք, մանուշակագույն, խորունկ աչքեր, նուրբ, մանրիկ, բայց կատարյալ կերտվածքի մարմին։ Էկրանի վրա նրա գեղեցկությունն ավելի վսեմաշուք, ավելի ցնցող էր։ Հարյուրավոր միլիոն մարդիկ աշխարհի բոլոր ծայրերում սիրահարված էին Մարգո Էշթընի դեմքին։ Եվ վճարում էին էկրանի վրա այդ դեմքով հիանալու համար։
— Որտե՞ղ էիր քարշ գալիս,― հարցրեց Ջոնի Ֆոնթեյնը։
— Ուրիշների անկողիններում,― պատասխանեց կինը, կարծելով նրան ավելի հարբած, քան հարբած էր իսկապես։
Ջոնին թռավ սեղանի վրայով, բռնեց կնոջ կոկորդից, բայց հենց հայտնվեց այդ հրաշք դեմքի, այդ զարմանալի մանուշակագույն աչքերին մոտ, զգաց որ կատաղությունն անցնում է, ու ինքը դարձյալ անզոր է դառնում։ Սակայն հենց բռունցքը հեռացրեց կնոջ դեմքից, կինը սխալ թույլ տվեց՝ ծաղրական ժպտալով, և նա նորից բռունցքը բարձրացրեց։ Կինը ճչաց.
— Ջոնի, միայն դեմքիս չխփես, հիշիր, նկարահանվում եմ։
Կինը ծիծաղում էր։ Ջոնին բռունցքով հասցրեց նրա փորին, և նա ընկավ հատակին։ Նա ընկավ կնոջ վրա ու զգաց նրա անուշ շունչը, երբ, շնչահեղձ լինելով, կինը բացեց բերանը, նա կսմթում էր կնոջ թևերն ու մետաքսե ազդրերը, նա ծեծում էր կնոջը, ինչպես մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց, պատանի, Նյու Յորքի «դժոխքի խոհանոցում» ծեծում էր իրենից փոքրիկ երեխաներին։ Ցավոտ ծեծ, որից ոչ մի հետք չի մնում, ոչ մի ատամ չի ընկնում, քիթ չի ջարդվում։ Սակայն կնոջը ցավոտ էլ չէր ծեծում։ Ուղղակի չէր կարող նրան իսկապես ծեծել։ Իսկ կինը պարզապես ծիծաղում էր նրա վրա։ Հատակին փռված, շքեղ զգեստի փեշը վեր բարձրացած, կինը ծաղրում էր նրան՝ ծիծաղից խեղղվելով։
— Լավ, Ջոնի, լավ, մոտ եկ, գիտեմ ուզածդ։
Ջոնի Ֆոնթեյնը ոտքի կանգնեց։ Նա ատում էր հատակին փռված այդ կնոջը, որի գեղեցկությունը կախարդական ուժով պահապան էր նրան։ Մարգոն ետ քաշվեց նրանից, տեղից վեր թռավ պարուհու ճարպկությամ, և սկսեց փոքրիկ աղջկա նման պարելով երգել.
— Ջոնին երբեք ինձ չի ցավացնում։
Հետո, հանկարծ, գրեթե տխրությամբ ասաց.
— Էհ, խեղճ հիմարիկ, մարմնիս կապտուկներ ես թողել, կարծես փոքր տղա լինես։ Էհ, Ջոնի, դու միշտ էլ ռոմանտիկ հիմար կմնաս, կանանց էլ փոքր տղայի նման ես սիրում։ Ու մինչև հիմա էլ կարծում ես, թե անկողնում մարդիկ զբաղվում են նրանով, ինչ երգում ես քո ապուշ երգերի մեջ։― Նա գլուխն օրորեց և ավելացրեց։― Խե՜ղճ Ջոնի, բարի գիշեր, Ջոնի։
Մարգոն գնաց իր ննջարան, և նա լսեց, ինչպես կինը բանալիով փակեց դուռը։ Ջոնին նորից նստեց հատակին՝ գլուխը ձեռքերի մեջ առած։ Անասելի հուսահատություն էր համակել նրան։ Հանկարծ մի վճռականություն և քաջություն եկավ վրան, որ մի ժամանակ օգնել էր նրան գոյությունը պահպանել Հոլիվուդի ջունգլիներում։ Նա վերցրեց հեռախոսափողն ու մեքենա կանչեց, որ իրեն օդանավակայան տանի։ Աշխարհում մի մարդ կար միայն օժտված այնպիսի իմաստնությամբ և ուժով, որ հիմա այնքան անհրաժեշտ էին Ջոնիին, և որը առաջվա պես սիրում էր նրան։ Ջոնին վստահ էր դրանում։ Այդ մարդը նրա կնքահայրն էր, Կորլեոնեն։
Հացթուխ Նազորինը, իր իտալական հացերի նման մեծ ու հաստլիկ, ոտքից գլուխ ալրաթաթախ, անխնա հայհոյում էր կնոջը, տարիքն անց աղջկան՝ Կատըրինին և իր օգնական Էնցոյին։ Էնցոն արդեն հասցրել էր հագնել ռազմագերու իր համազգեստը, կապել կանաչ տառերով թևակապն ու սարսափելի վախենում էր, որ այս պատմությունը պիտի խանգարի նրան սահմանված ժամին նահանգապետական վարչություն հասնել ներկա ստանալու համար։ Նա հազարավոր իտալացի ռազմագերիների նման, որոնց ամեն օր բաց էին թողնում քաղաքացիական բնակչության մոտ գործ անելու, մշտապես սարսափում էր, որ կարող է զրկվել այդ բարեհաճությունից։ Ուստի, հիմա ծայր առած այս փոքրիկ կատակերգությունը նրա համար շատ լուրջ բան էր։
Նազորինը կատաղած հարցաքննում էր Էնցոյին։
— Դե՞հ, ասա, ուրեմն, խայտառակե՞լ ես ընտանիքս։ Նվե՞ր ես թողել աղջկաս, որ քեզ չմոռանա հիմա, երբ պատերազմը վերջացել է ու Ամերիկան, ինքդ էլ գիտես, քամակիդ կտա ու կքշի Սիցիլիայի քո քնձռոտ գյուղը։
Էնցոն՝ կարճլիկ, պնդակազմ, ձեռքը դրեց կրծքին ու պատասխանեց՝ քիչ մնալով լացի, բայց և այնպես շատ խոհեմ․
— Padrone, սուրբ Աստվածածինը վկա, ես երբեք չեմ չարաշահել ձեր բարությունը։ Ես սիրում եմ ձեր աղջկան և շատ հարգանքով եմ վերաբերվում։ Ու ձեզնից խնդրում եմ նրա ձեռքը։ Ես հասկանում եմ, որ դրա իրավունքը չունեմ, բայց եթե ինձ Իտալիա հետ ուղարկեն, էլ երբեք չեմ կարող ամուսնանալ Կատըրինի հետ։
Ֆիլոմենան՝ Նազորինի կինը, վճռեց իր կարծիքն ասել։
— Դատարկ֊մատարկ խոսելուն վերջ տուր,― ասաց ամուսնուն։— Ինքդ էլ շատ լավ գիտես, ինչ ես անելու։ Այնպես արա, որ Էնցոն մնա այստեղ, ուղարկի մերոնց մոտ, Լոնգ Այլընդ, կթաքցնեն։
Կատըրինը հեկեկում էր։ Չնայած ջահելությանը, նա գեր էր, վերին շրթունքի վրա բեղեր էին դուրս գալիս։ Նա էլ երբեք Էնցոյի նման գեղեցիկ տղամարդ չէր գտնի, ո՞վ այդպես սիրով ու հարգալից կշոյեր նրան։
— Ես կգնամ Իտալիա,― բղավեց նա,― կփախնեմ, եթե Էնցոյին այստեղ չպահես։
Նազորինը բարկացած նայեց աղջկան։ Այդ աղջիկն իսկապես նրան վախեցնում էր։ Շատ անգամ էր նկատել, ինչպես էր հաստ քամակը քսմսում Էնցոյին, երբ երկուսով տաք֊տաք հացերը վառարանից հանում ու զամբյուղների մեջ էին լցնում։ Եթե հարկավոր միջոցներ ձեռք չառնվեն, շատ շուտով այս Էնցոն ուրիշ բաներ էլ կանի։ Այո, Էնցոյին պետք է պահել Ամերիկայում և ամերիկացի դարձնել։ Այդ գործը մի մարդ միայն կարող է անել։ Կնքահայրը։ Դոն Կորլեոնեն։
Բոլոր այս մարդիկ, և ուրիշ շատերը գեղեցիկ հրավիրատոմսեր ստացան միսս Կոնստանցիա Կորլեոնեի հարսանիքին մասնակցելու, որը պետք է տեղի ունենար 1945 թվականի օգոստոսի վերջին շաբաթ օրը։
Հարսնացուի հայրը՝ Վիտո Կորլեոնեն, երբեք չէր մոռանում իր հին բարեկամներին և հարևաններին, թեև հիմա ապրում էր Լոնգ Այլընդի մեծ առանձնատանը։ Հյուրերին հենց այդ տանը պետք է ընդունեին և տոնախմբությունը պիտի շարունակվեր ամբողջ օրը։ Հարսանիքի համար, անշուշտ, շատ հարմար ժամանակ էր, ճապոնացիների հետ պատերազմը նոր էր վերջացել, այնպես որ ոչ մեկը տագնապ չուներ որդիների համար, և ոչինչ չէր մթագնի տոնախմբությունը։ Հարսանիքը հենց այն էր, ինչ պետք էր մարդկանց մի լավ ուրախանալու համար։
Եվ ահա այդ շաբաթ օրը Նյու Յորքից Դոն Կորլեոնեի տուն եկան լցվեցին նրա բարեկամները, որ փափագում էին նրան իրենց անկեղծ վերաբերմունքը ցույց տալ։ Ամեն մեկը հետը նվեր էր բերել՝ կրեմագույն մի ծրար կանխիկ դրամով, ոչ մի չեկ։ Ամեն ծրարի մեջ դրված էր այցետոմս՝ նվիրողի անունով, գրված նաև նվիրատվության գումարը, համապատասխան Կնքահորը իր հարգանքի չափին։ Հարգանք, որին նա անկասկած արժանի էր, քանի որ Դոն Վիտո Կորլեոնեն մի մարդ էր, որին ամեն մեկը կարող էր դիմել օգնության համար և երբեք խաբված չէր լինի իր սպասումների մեջ։ Նա երբեք սին խոստումներ չէր տալիս, երբեք խուսափողական պատասխանների չէր դիմում, թե իբր իր ձեռքերը կապված են, աշխարհում իրենից ավելի զորեղ ուժեր կան։ Ընդ որում, բոլորովին պարտադիր չէր, որ դուք նրա բարեկամը լինեիք, ու նույնիսկ, կարևոր չէր, կարո՞ղ եք երբևէ հատուցել արածի դիմաց։ Մի բան էր միայն կարևոր. դուք ինքներդ, անձամբ պետք է ասեիք, որ Դոն Կորլեոնեին ձեր բարեկամն եք համարում։ Եվ այն ժամանակ Դոն Կորլեոնեն իր վրա էր վերցնում ձեր հոգսը, բնավ չհետաքրքրվելով, հարուստ եք դուք, թե աղքատ, հզոր եք, թե անզոր։ Եվ աշխարհում ոչ ոք չէր կարող խանգարել նրան, որ կարգավորի իրեն դիմած մարդու ձախորդությունները, ամոքի նրա վիշտը։ Ո՞րն էր դրա հատուցումը։ Բարեկամությունը, «Դոն» հարգալից, իսկ երբեմն և ավելի սիրելի և քնքուշ «Կնքահայր» դիմելաձևը։ Ու երբեմն, թերևս, որպես հարգանքի հավաստիք, և ոչ երբեք որպես արժեք, որևէ համեստ նվեր՝ մի շիշ տնական գինի կամ Ծննդյան տոնին Դոն Վիտոյի սեղանի համար հատուկ թխվածք։ Ինքնին հասկանալի է, որ նման նվերը ձեր բարեկրթության վկայությունն է սոսկ, լուռ վկայությունն այն բանի, որ դուք ձեզ պարտավորված եք զգում նրա հանդեպ, և նա ուզած ժամանակ իրավունք ունի դիմելու ձեզ, որ մի փոքր ծառայություն մատուցելով՝ ձեր պարտքը հատուցեք նրան։
Եվ ահա այդ նշանավոր օրը, դստեր ամուսնության օրը, Դոն Վիտո Կորլեոնեն կանզնած էր Լոնգ Բիչում գտնվող իր տան շեմքին և ողջունում էր հյուրերին, իրեն լավ հայտնի մարդկանց, որոնց լիովին վստահում էր։ Նրանցից շատերը Դոնին պարտական էին իրենց բարեկեցությամբ, ուստի և հանդիսավոր իրադարձության կապակցությամբ նրան շնորհավորելու առիթից օգտվելով, սիրով «Կնքահայր» էին կոչում։ Այդ օրը հյուրերին սպասավորողները նույնիսկ Դոն Վիտոյի բարեկամներն էին։ Բարմենը իր հին ընկերն էր, որը նվեր էր բերել բոլոր տեսակի խմիչքներն ու իր անգերազանցելի վարպետությունը։ Մատուցողները Դոն Վիտոյի որդիների բարեկամներն էին։ Կերակուրներն ու զանազան ուտելիքները, որոնցով բեռնված էին այգում դրված սեղանները, Դոնի կինն էր պատրաստել իր բարեկամուհիների հետ, իսկ հսկայական այգին ծաղկաշղթաներով զարդարել էին հարսնացուի ընկերուհիները։
Դոն Կորլեոնեն բոլորին՝ հարուստներին և աղքատներին, զորեղներին և թույլերին, բոլորին դիմավորում էր ուրախությամբ և սիրալիր։ Ոչ մեկի հանդեպ ոչ մի արհամարհական վերաբերմունք։ Այդպիսին էր նա։ Իսկ հյուրերն այնպիսի խնդությամբ էին նրան ողջունում, այնպես էին գովաբանում նրա տեսքն իր տոնական հագուստով, որ կողմնակի մարդը Դոն Վիտոյին կարող էր երջանիկ փեսացուի տեղը դնել։ Դռան մոտ նրա կողքին կանգնած էին նրա երկու որդիները։ Ավագ որդին, որ կոչվում էր Սանտինո, բայց որին բոլորը, հորից բացի, պարզապես Սոնի էին կոչում, նկատում էր իտալացիների ավագ սերնդի իրեն ուղղած քննախույզ, իսկ կրտսերների՝ հիացական հայացքները։
Սոնի Կորլեոնեն իտալական ծագումի առաջին սերնդի ամերիկացու համար բարձրահասակ էր, գրեթե վեց ոտնաչափ հասակ ուներ, իսկ գանգուր խիտ մազերը նրան ավելի բարձրահասակ էին ցույց տալիս։ Դիմագծերը Կուպիդոնի դիմագծերի նման կանոնավոր էին, բայց կոպիտ, շրթունքները չափից ավելի ցանկասիրական էին, իսկ խոր փոսիկով կզակը չգիտես ինչու մի տեսակ անպարկեշտ զգացություններ էր առաջացնում։ Նա բուղայի նման ուժեղ էր, բոլորին հայտնի էր, որ բնությունը նրան շռայլորեն էր օժտել և մարմնի ստորին մասերով, և որ Սոնիի տառապյալ կինը սարսափում էր ամուսնական անկողնուց, ինչպես հեթանոսները մի ժամանակ՝ կտտանքներից։ Խոսում էին նաև, ճիշտ է, շշուկով, որ նա երբ դեռ պատանի ժամանակ վատ համբավ ունեցող տներ էր հաճախում, ամենափորձառու պոռնիկներն անգամ նրանից կրկնակի վճար էին պահանջում։
եվ այստեղ, հարսանիքի այս հանդիսության ժամանակ էլ լայնակոնք, լայնաբերան շատ ջահել կանայք էին Սոնի Կորլեոնեին նայում գնահատող հայացքով։ Բայց հենց այսօր է, որ նրանք զուր էին ժամանակ կորցնում, քանի որ Սոնին՝ հակառակ կնոջ և երեք երեխաների ներկայությանը, աչք էր դրել հարսնացուի ընկերուհուն՝ Լյուսի Մանչինիին, որը վաղուց էր դա գլխի ընկել։ Լյուսի Մանչինին հարսանեկան սեղանի մոտ նստած էր վարդագույն զգեստով, թարմ ծաղիկներից հյուսված գեղեցիկ մի պսակ սև փայլուն մազերին։ Բոլոր այդ օրերին, ինչ նախապատրաստություններ էին գնում հարսանիքի համար, նա սեթևեթում էր Սոնիի հետ, իսկ այդ առավոտ եկեղեցու բեմի մոտ ամուր սեղմել էր նրա ձեռքը։ Ավելին չէր կարող անել ոչ մի չամուսնացած աղջիկ։
Նրան ամենևին չէր անհանգստացնում, որ Սոնին երբեք հոր նման չի դառնա, այդ բարձունքին չի հասնի։ Բայց Սոնի Կորլեոնեն ուժեղ էր և քաջ։ Բոլորը գիտեին, որ նա շռայլ է ու մեծ սիրտ ունի։ Ճշմարիտ էր, նա իր հոր նման ինքնատիրապետում չուներ, անզուսպ էր և շուտ բորբոքվող, որի պատճառով հաճախ սխալ քայլեր էր անում։ Ու թեև տանը նա հոր առաջին օգնականն էր, բայց շատերը կասկածում էին, թե նա կդառնա հոր ժառանգորդը։
Երկրորդ որդին, Ֆրեդերիկոն, որին Ֆրեդո էին կոչում, հենց այնպիսին էր, ինչպիսին իտալական ընտանիքներում աղերսում են բոլոր սրբերին, որ լինի իրենց զավակը։ Հարգալից, խոնարհ, միշտ պատրաստ հորը ծառայելու, նա դեռ ծնողների հետ էր ապրում, թեև արդեն երեսուն տարեկան էր։ Ոչ բարձրահասակ, թիկնեղ, նա տգեղ էր, չնայած նրան էլ էին անցել տոհմական կուպիդոնյան դիմագծերը. կլոր դեմքը գանգուր մազերի խրձի տակ, և ցանկասիրական շրթունքների կորությունը։ Բայց Ֆրեդոյի շրթունքները ոչ թե ցանկասիրություն, այլ դաժանություն էին արտահայտում։ Ինքնամփոփ, մռայլ բնավորության տեր, նա, այնուամենայնիվ, հենարան էր հոր համար, երբեք նրա հետ չէր վիճում, ոչ մի անախորժության առիթ չէր տալիս նրան զանազան խայտառակ արարքներով։ Եվ սակայն, չնայած այս արժանիքներին, նա օժտված չէր կենդանական այն առինքնող ուժով, այն իրեն ենթարկելու մագնիսական զորությամբ, որ անհրաժեշտ է առաջնորդին, ուստի ոչ ոք չէր մտածում, թե նա կժառանգի ընտանեկան բիզնեսի գործը։
Երրորդ որդին՝ Մայքլ Կորլեոնեն, հոր և եղբայրների կողքին չէր։ Նա նստած էր սեղանի շուրջ այգու ամենահեռավոր անկյունում, բայց նույնիսկ այդտեղ չէր հաջողվում խուսափել ընտանիքի բարեկամների ուշադրությունից։ Մայքլը Դոնի կրտսեր որդին էր և միակը, որ չէր ենթարկվում ամենազոր հոր իշխանությանը։ Նա չէր ժառանգել ընտանիքի կուպիդոնյան գլխաձևն ու կոպիտ դիմագծերը, և նրա մազերն էլ գանգուր չէին, այլ ավելի շուտ ուղիղ էին, խիտ և փայլուն։ Հարթ, բայց դեղնականաչավուն մաշկն ավելի աղջկա կվայելեր։ Նա օժտված էր նրբին գեղեցկությամբ, այնքան օտարոտի յուր ընտանիքի համար, որ մի ժամանակ Դոնը լրջորեն մտահոգված էր որդու այդ ոչ առնական արտաքինի համար։ Այդ անհանգստությունն անցավ, երբ լրացավ Մայքլի տասնյոթ տարին։