Հինգերորդ Բաժին: Բացարձակ Եվ Հարաբերական Հավելյալ Արժեքի Արտադրությունը

Գրապահարան-ից
Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ

Վերը (տե՛ս հինգերորդ գլուխը) մենք աշխատանքի պրոցեսը քննեցինք վերացականորեն, անկախ նրա պատմական ձևերից, որպես մարդու և բնության միջև կատարվող պրոցես։ Այնտեղ մենք ասել ենք. «Եթե ամբողջ պրոցեսը քննենք նրա հետևանքի տեսակետից, ապա թե՛ աշխատանքի միջոցը և թե՛ աշխատանքի առարկան, երկուսն էլ հանդես են գալիս որպես արտադրամիջոցներ, իսկ ինքը՝ աշխատանքը՝ որպես արտադրողական աշխատանք»։ 7-րդ ծանոթագրության մեջ ավելացված է. «Արտադրողական աշխատանքի այս սահմանումը, որ ստացվում է աշխատանքի պարզ պրոցեսի տեսակետից, բոլորովին անբավարար է արտադրության կապիտալիստական պրոցեսի համար»։ Այս էլ հենց ենթակա է այստեղ հետագա հետազոտման։

Քանի դեռ աշխատանքի պրոցեսը զուտ անհատական է, միևնույն բանվորը միավորում է այն բոլոր ֆունկցիաները, որոնք հետագայում անջատվում են։ Բնության առարկաներն իր կենսական նպատակների համար անհատորեն յուրացնելիս նա ինքն է վերահսկում իրեն։ Հետագայում նրան են վերահսկում։ Առանձին մարդը չի կարող բնության վրա ներգործել, եթե իր սեփական մկանները գործի չդնի իր սեփական ուղեղի վերահսկողության տակ։ Ինչպես բնության մեջ գլուխն ու ձեռքը միևնույն օրգանիզմին են պատկանում, այնպես էլ աշխատանքի պրոցեսում միանում են մտավոր ու ֆիզիկական աշխատանքը։ Հետագայում նրանք անջատվում և թշնամական հակադրության են հասնում։ Արդյունքը անհատական արտադրողի ընդհանրապես անմիջական արդյունքից դառնում է հասարակական արդյունք, հավաքական բանվորի ընդհանուր արդյունք, այսինքն՝ այնպիսի կոմբինացված է բանվորական անձնակազմի արդյունք, որի անդամներն ավելի մոտ կամ ավելի հեռու են կանգնած աշխատանքի առարկայի վրա անմիջաբար ներգործելուց։ Ուստի աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ բնույթն արդեն անհրաժեշտորեն ընդլայնում է այն հասկացողությունը, որով ընդգրկվում են արտադրողական աշխատանքն ու նրա կրողը — արտադրողական բանվորը։ Արտադրողաբար աշխատելու համար հիմա հարկավոր չէ անձամբ գործի դնել իր ձեռքերը, բավական է հավաքական բանվորի օրգանը լինել, նրա ենթաֆունկցիաներից մեկը կատարել։ Արտադրողական աշխատանքի վերը բերված նախասկզբնական սահմանումը, որ հանվեց հենց նյութական արտադրության բնությունից, միշտ պահպանում է իր նշանակությունը հավաքական բանվորի նկատմամբ, որը քննության է առնվում որպես մեկ ամբողջություն։ Բայց այդ սահմանումն այլևս չի համապատասխանում հավաքական բանվորի ամեն մի անդամին՝ առանձին վերցրած։

Սակայն, մյուս կողմից, նեղանում է «արտադրողական աշխատանք» հասկացողությունը։ Կապիտալիստական արտադրությունը ոչ միայն ապրանքի արտադրություն է, այլև իր բուն էությամբ հավելյալ արժեքի արտադրություն։ Բանվորը ոչ թե իրեն համար է արտադրում, այլ կապիտալի համար։ Ուստի այլևս բավական չէ այն, որ նա ընդհանրապես արտադրում է։ Նա պետք է հավելյալ արժեք արտադրի։ Միայն այն բանվորն է արտադրողական, որը հավելյալ արժեք է արտադրում կապիտալիստի համար կամ ծառայում է կապիտալի արժեքի ինքնաճմանը։ Այսպես, օրինակ,— եթե թույլատրելի է մի օրինակ վերցնել նյութական արտադրության ոլորտից դուրս,— դպրոցական ուսուցիչը արտադրողական բանվոր է, եթե նա ոչ միայն երեխաների գլուխներն է մշակում, այլև ուժասպառ է լինում ձեռնարկատիրոջը հարստացնելու համար։ Վերջինն իր կապիտալը ուսուցման գործարանի մեջ կդնի թե երշիկագործարանի մեջ,— դրանից քննարկվող հարաբերությունն ամենևին չի փոխվում։ Ուստի «արտադրողական բանվոր» հասկացողությունն ամենևին չի սպառվում այն հարաբերությամբ, որ կա գործունեության ու նրա օգտակար էֆեկտի միջև, բանվորի ու նրա աշխատանքի արդյունքի միջև, այդ հասկացողությունը պարունակում է նաև առանձնահատուկ հասարակական, պատմականորեն առաջացած արտադրական հարաբերություն, որը բանվորին դարձնում է կապիտալի աճման անմիջական գործիք։ Հետևապես, արտադրողական բանվոր լինելը ամենևին բախտավորություն չէ, այլ մի անեծք է։ Այս աշխատության չորրորդ գրքում, որտեղ խոսվում է թեորիայի պատմության մասին, հանգամանորեն ցույց կտրվի, որ կլասիկ քաղաքատնտեսությունը վաղուց ի վեր հավելյալ արժեքի արտադրությունը նկատել է որպես արտադրողական բանվորին բնորոշող հատկանիշ։ Ուստի հավելյալ արժեքի բնույթի մասին քաղաքատնտեսության ունեցած հայացքների փոփոխման հետ փոխվում է նաև արտադրողական բանվորի սահմանումը նրա կողմից։ Այսպես, ըստ ֆիզիոկրատների հայտարարության, միայն հողագործական աշխատանքն է արտադրական, որովհետև միայն նա է հավելյալ արժեք տալիս։ Ֆիզիոկրատների համար հավելյալ արժեքը գոյություն ունի բացառապես հողային ռենտայի ձևով։

Աշխատանքային օրվա երկարացում այն սահմաններից դուրս, որոնց շրջանակներում բանվորն ի վիճակի կլիներ միայն իր աշխատուժի արժեքի համարժեքն արտադրելու, և տվյալ հավելյալ աշխատանքի յուրացում կապիտալի կողմից,— ահա ինչ է բացարձակ հավելյալ արժեքի արտադրությունը։ Բացարձակ հավելյալ արժեքի արտադրությունը կազմում է կապիտալիստական սիստեմի ընդհանուր հիմքը և հարաբերական հավելյալ արժեքի արտադրության ելակետը։ Հարաբերական հավելյալ արժեք արտադրելիս աշխատանքային օրը հենց սկզբից բաժանված է երկու մասի՝ անհրաժեշտ աշխատանքի և հավելյալ աշխատանքի։ Հավելյալ աշխատանքը երկարացնելու նպատակով անհրաժեշտ աշխատանքը կրճատվում է այնպիսի մեթոդներով, որոնք թույլ են տալիս աշխատավարձի համարժեքն արտադրել ավելի կարճ ժամանակում։ Բացարձակ հավելյալ արժեքի արտադրությունը կապված է միայն աշխատանքային օրվա երկարության հետ. հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը հիմնովին ռևոլյուցիոնացնում է ինչպես աշխատանքի տեխնիկական պրոցեսները, այնպես էլ հասարակական խմբավորումները։

Հետևապես, հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը ենթադրում է արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակ, վերջինը իրեն համար բնորոշ մեթոդներով, միջոցներով ու պայմաններով ինքը տարերայնորեն ծագում ու զարգանում է աշխատանքը կապիտալին ձևականորեն ենթարկելու հիմքի վրա միայն։ Դրա հետ միասին աշխատանքի ձևական ենթարկումը կապիտալին իր տեղը զիջում է իրական ենթարկմանը։

Այստեղ բավական է սոսկ նշել այն խառնածին ձևերը, որոնց գոյության ժամանակ հավելյալ աշխատանքն արդեն արտադրողից չի քամվում ուղղակի հարկադրման միջոցով և, մյուս կողմից, դեռ հանդես չի եկել նրա ձևական ենթարկումը կապիտալին։ Կապիտալն այստեղ դեռ անմիջաբար չի տիրացել աշխատանքի պրոցեսին։ Ինքնուրույն արտադրողների կողքին, որոնք արտադրության ավանդական, պապենական եղանակների հիմքի վրա պարապում են արհեստով կամ հողագործությամբ, հրապարակ է գալիս վաշխառուն կամ վաճառականը, վաշխառուական կամ առևտրական կապիտալը, որը, ինչպես մի պարազիտ, քամում է նրանց հյութը։ Հասարակության մեջ շահագործման այդ ձևի գերակշռումը բացառում է արտադրության կապիտալիստական եղանակը, թեև, մյուս կողմից, հենց այդ ձևը կարող է կազմել անցում դեպի կապիտալիզմ, ինչպես եղավ միջին դարերի վերջերքին։ Վերջապես, ինչպես ցույց է տալիս տանը կատարվող արդի աշխատանքի օրինակը, որոշ խառնածին ձևեր խոշոր արդյունաբերության հողի վրա էլ մասնակիորեն վերարտադրվում են, ընդունելով, սակայն, բոլորովին փոփոխված կերպարանք։

Եթե, մի կողմից, բացարձակ հավելյալ արժեքի արտադրության համար լիովին բավական է աշխատանքի լոկ ձևական ենթարկումը կապիտալին, օրինակ, բավական է, որ առաջ ինքնուրույն կերպով, իրեն համար աշխատող կամ որպես համքարական վարպետի օգնական աշխատող, արհեստավորը հիմա դառնա կապիտալիստի անմիջական վերահսկողության տակ գտնվող վարձու բանվոր,— ապա, մյուս կողմից, հարաբերական հավելյալ արժեք արտադրելու մեթոդները, ինչպես տեսանք, բացարձակ հավելյալ արժեք արտադրելու մեթոդներ են միաժամանակ։ Չէ՞ որ աշխատանքային օրվա չափից դուրս երկարացումը մեզ ներկայացավ որպես խոշոր արդյունաբերության ամենաբնորոշ արդյունքը։ Ընդհանրապես, արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը դադարում է հարաբերական հավելյալ արժեք արտադրելու սոսկ միջոց լինելուց, երբ նա տիրացել է արտադրության մի ամբողջ ճյուղի կամ, դեռ ավելին, արտադրության բոլոր վճռական ճյուղերին։ Այն ժամանակ նա դառնում է արտադրական պրոցեսի ընդհանուր, հասարակականորեն տիրապետող ձև։ Որպես հարաբերական հավելյալ արժեքի արտադրության առանձնահատուկ մեթոդ նա այժմ գործում է այն չափով միայն, որչափով, նախ, ընդգրկում է արդյունաբերության այն ճյուղերը, որոնք մինչև այդ լոկ ձևականորեն էին ենթարկված կապիտալին, հետևապես, որչափով նա ավելի ու ավելի է տարածվում։ Երկրորդ, այն չափով միայն, որչափով արդյունաբերության այն ճյուղերը, որոնք արդեն ենթարկված են նրան, անընդհատ ռևոլյուցիոնացվում են շնորհիվ արտադրության մեթոդների փոփոխման։

Մի որոշ տեսակետից բացարձակ ու հարաբերական հավելյալ արժեքների տարբերությունն ընդհանրապես պատրանքային է երևում։ Հարաբերական հավելյալ արժեքը բացարձակ է, որովհետև նա ենթադրում է աշխատանքային օրվա բացարձակ երկարացում բանվորի գոյության համար անհրաժեշտ աշխատաժամանակի սահմաններից այն կողմը։ Բացարձակ հավելյալ արժեքը հարաբերական է, որովհետև նա ենթադրում է աշխատանքի արտադրողականության այնպիսի զարգացում, որը թույլ է տալիս անհրաժեշտ աշխատաժամանակը սահմանափակել աշխատանքային օրվա մի մասով։ Բայց եթե ուշադրություն դարձնենք հավելյալ արժեքի շարժման վրա, ապա այդ թվացող նույնությունը կչքանա։ Քանի որ արտադրության կապիտալիստական եղանակը ծագել ու արտադրության ընդհանրական եղանակ է դարձել, բացարձակ և հարաբերական հավելյալ արժեքների տարբերությունն զգալի է դառնում, երբ գործը վերաբերում է ընդհանրապես հավելյալ արժեքի նորմայի բարձրացմանը։ Ենթադրելով, թե աշխատուժը վարձատրվում է ըստ իր արժեքի, մենք կանգնում ենք այսպիսի երկընտրանքի առջև.— եթե տրված են աշխատանքի արտադրողական ուժը և նրա ինտենսիվության նորմալ աստիճանը, ապա հավելյալ արժեքի նորման կարող է բարձրացվել աշխատանքային օրվա բացարձակ երկարացումով միայն, մյուս կողմից, աշխատանքային օրվա տվյալ սահմաններում հավելյալ արժեքի նորման կարող է բարձրացվել միայն աշխատանքային օրվա բաղկացուցիչ մասերի, այսինքն՝ անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերական մեծության փոփոխումով, որը, իր հերթին, ենթադրում է աշխատանքի արտադրողականության կամ ինտենսիվության փոփոխում, որչափով աշխատավարձը չպետք է աշխատուժի արժեքից ցած ընկնի։

Եթե բանվորն ստիպված է իր տրամադրության տակ եղած ամբողջ ժամանակը գործադրելու իր և իր ընտանիքի գոյության համար անհրաժեշտ կենսամիջոցներն արտադրելու վրա, ապա նրան ժամանակ չի մնում, իհարկե, երրորդ անձերի համար անվճար կերպով աշխատելու։ Այսպիսով, քանի դեռ աշխատանքի արտադրողականությունը որոշ մակարդակի չի հասել, բանվորի տրամադրության տակ չկա այն ավելցուկ ժամանակը, առանց որի հնարավոր չէ հավելյալ աշխատանքը, հնարավոր չեն, հետևապես, նաև կապիտալիստները, բայց միաժամանակ հնարավոր չեն նաև ստրկատերերը, ֆեոդալ բարոնները, մի խոսքով՝ խոշոր սեփականատերերի որևէ դասակարգ[1]։

Այսպիսով, կարող է խոսք լինել հավելյալ արժեքի բնական բազիսի մասին, բայց միայն այն միանգամայն ընդհանուր իմաստով, թե բնության մեջ չկա ոչ մի այնպիսի բացարձակ արգելք, որը մեկ մարդու խանգարեր իր սեփական գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ աշխատանքն իր վրայից գցելու և ուրիշի վրա բարդելու։ Նույն այդ իրավունքով էլ կարելի է պնդել, որ, օրինակ, բնության մեջ չկա այնպիսի բացարձակ արգելք, որը մեկին խանգարեր մի ուրիշի միսը գործածելու որպես ուտելիք [Տես 1a ծանոթ.]։ Ամենևին չպետք է միստիկական պատկերացումներ կապել աշխատանքի այդ բնաճուն արտադրողականության հետ, ինչպես այդ երբեմն արվել է։ Միայն այն ժամանակ, երբ մարդիկ իրենց աշխատանքով դուրս են եկել նախնական կենդանական վիճակից, երբ, այսպիսով, նրանց աշխատանքը որոշ աստիճան արդեն հասարակականացված է, միայն այդ ժամանակ են ստեղծվում այն պայմանները, երբ մեկի հավելյալ աշխատանքը դառնում է մյուսի գոյության պայմանը։ Կուլտուրայի սաղմնային աստիճանների վրա աշխատանքի արտադրողական ուժերը չնչին են, բայց այդպիսին են նաև պահանջմունքները, որոնք զարգանում են իրենց բավարարման միջոցների հետ և անմիջաբար կախված են վերջինների զարգացումից։ Այնուհետև, մատնանշված սկզբնական աստիճանների վրա հասարակության այն մասերի համեմատական մեծությունը, որոնք ապրում են ուրիշի աշխատանքով, չնչինության չափ փոքր է անմիջական արտադրողների մասսայի համեմատությամբ։ Աշխատանքի հասարակական արտադրողական ուժի աճման հետ այդ մասերն աճում են բացարձակորեն ու հարաբերաբար[2]։ Ասենք՝ կապիտալը, որպես հասարակական հարաբերություն, ծագում է մի այնպիսի տնտեսական հողի վրա, որը զարգացման երկարատև պրոցեսի արդյունք է։ Աշխատանքի առկա արտադրողականությունը, որից նա ելնում է որպես իր հիմքից, ո՛չ թե բնության շնորհն է, այլ հազարավոր դարեր ընդգրկող պատմության շնորհը։

Եթե վերանանք հասարակական արտադրության ավելի կամ պակաս զարգացումից, ապա աշխատանքի արտադրողականությունը կապված կլինի բնական պայմանների հետ։ Այս վերջիններն ամբողջովին կարող են հանգեցվել հենց մարդու բնությանը, նրա ռասային և այլն, և մարդուն շրջապատող բնությանը։ Արտաքին բնական պայմանները տնտեսապես տրոհվում են երկու խոշոր խմբի — կենսամիջոցների բնական հարստության, հետևապես, հողի պտղաբերության, ջրերի ձկնառատության և այլն, և աշխատանքի միջոցների բնական հարստության, ինչպես գործող ջրվեժները, նավարկելի գետերը, փայտը, մետաղները, ածուխը և այլն։ Կուլտուրայի սաղմնային դրության ժամանակ վճռական նշանակություն ունի բնական հարստության առաջին տեսակը, ավելի բարձր աստիճաններում՝ երկրորդ տեսակը։ Համեմատեցեք, օրինակ, Անգլիան Հնդկաստանի հետ կամ հնադարյան աշխարհում Աթենքն ու Կորնթոսը Սև ծովի առափնյա երկրների հետ։

Որքան ավելի փոքր է բացարձակորեն բավարարելի բնական պահանջմանքների թիվը, որքան ավելի մեծ է հողի բնական պտղաբերությունը և որքան ավելի բարենպաստ է կլիման, այնքան ավելի փոքր է այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է արտադրողի կյանքի պահպանման ու վերարտադրման համար։ Հետևաբար, այնքան ավելի մեծ կարող է լինել նրա աշխատանքի ավելցուկն ուրիշների օգտին՝ իր վրա գործադրվող աշխատանքի համեմատությամբ։ Այսպես, դեռևս Դիոդորը նկատում է հին եգիպտացիների մասին. «Բոլորովին աներևակայելի է, թե նրանց երեխաներին պահելը որքան քիչ նեղություն ու ծախսեր է պատճառում նրանց։ Նրանք երեխաների համար եփում են առաջին պատահած հասարակ կերակուրը. նրանց տալիս են ուտելու նաև պապիրուսի թփի ներքևի մասը, որը կարելի է կրակի վրա խորովել, բացի դրանից, ճահճաբույսերի արմատներն ու ցողունները՝ մասամբ հում, մասամբ խաշած կամ խորոված։ Երեխաների մեծ մասը ման է գալիս առանց ոտնամանների ու հագուստի, որովհետև կլիման շատ մեղմ է։ Ուստի երեխային մեծացնելը ծնողների վրա նստում է ընդհանրապես քսան դրախմից ոչ ավելի։ Սրանով է գլխավորապես բացատրվում Եգիպտոսի բնակչության շատությունը, որը հնարավորություն է տվել այնքան մեծ թվով վիթխարի կառուցումներ ստեղծելու»[3]։ Սակայն հին Եգիպտոսի հսկա շենքերն իրենց ծագումով իրոք պարտական են ոչ այնքան նրա բնակչության շատությանը, որքան այն հանգամանքին, որ բնակչության զգալի մասը կարող էր գործադրվել այդ գործի համար։ Անհատական բանվորն այնքան ավելի շատ հավելյալ արժեք կարող է տալ, որքան ավելի փոքր է նրա անհրաժեշտ աշխատաժամանակը. նույնը վերաբերում է նաև բանվորական բնակչությանը՝ ամբողջովին վերցրած. որքան նրա ավելի փոքր մասն է պահանջվում անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար, այնքան ավելի մեծ է մնացած մասը, որը կարելի է գործադրել որևէ ուրիշ գործի վրա։

Երբ տրված է կապիտալիստական արտադրությունը, ապա, մյուս հավասար պայմաններում ու աշխատանքային օրվա տվյալ տևողության շրջանակներում, հավելյալ աշխատանքի մեծությունը փոփոխվում է՝ նայած աշխատանքի բնական պայմաններին և, հատկապես, հողի պտղաբերությանը։ Սակայն այստեղից ամենևին չի հետևում հակառակ դրույթը, թե ամենապտղաբեր հողն ամենահարմարն է արտադրության կապիտալիստական եղանակի աճման համար։ Այս վերջինը ենթադրում է մարդու տիրապետությունը բնության վրա։ Չափազանց շռայլ բնությունը «մարդուն՝ երեխայի պես ձեռքից բռնած է ման ածում»։ Բնությունը մարդու սեփական զարգացումը չի դարձնում բնական անհրաժեշտություն[4]։ Ո՛չ թե արևադարձային կլիման իր փարթամ բուսականությամբ, այլ բարեխառն գոտին է եղել կապիտալի ծննդավայրը։ Ո՛չ թե հողի բացարձակ պտղաբերությունը, այլ նրա բաժանվածությունը տարբեր տեսակների, նրա բնական արդյունքների բազմազանությունն է կազմում աշխատանքի հասարակական բաժանման բնական հիմքը. շնորհիվ բնական այն պայմանների փոփոխության, որոնց մեջ մարդը ստիպված է վարելու իր տնտեսությունը, այդ բազմազանությունը նպաստում է նրա սեփական պահանջմունքների, ընդունակությունների, աշխատանքի միջոցների ու աշխատանքի եղանակների բազմացմանը։ Բնության որևէ ուժ տնտեսության շահերի տեսակետից հասարակական վերահսկողության ենթարկելու անհրաժեշտությունը, այդ ուժը մարդու ձեռքով շինված խոշոր մասշտաբի կառուցումների միջոցով օգտագործելու կամ իրեն ենթարկելու անհրաժեշտությունը վճռողական դեր է խաղում արդյունաբերության պատմության մեջ։ Օրինակ կարող է ծառայել ջրի կարգավորումը Եգիպտոսում[5], Լոմբարդիայում, Հոլանդիայում և այլն, կամ Հնդկաստանում, Պարսկաստանում ու այլ երկրներում, որտեղ արհեստական ջրանցքներով ոռոգումը ո՛չ միայն բույսերի համար անհրաժեշտ ջուր է մատակարարում հողին, այլև միաժամանակ տիղմի հետ հանքային պարարտանյութեր է բերում լեռներից։ Արաբների տիրապետության ժամանակ Իսպանիայի ու Սիցիլիայի տնտեսական ծաղկման գաղտնիքը արհեստական ոռոգումն էր[6]։

Բարենպաստ բնական պայմանները միշտ միայն հավելյալ աշխատանքի հնարավորություն են ընձեռում, բայց երբեք իրենք չեն ստեղծում իսկական հավելյալ աշխատանք, հետևապես, նաև հավելյալ արժեք կամ հավելյալ արդյունք։ Աշխատանքի տարբեր բնական պայմաններն ունենում են այն հետևանքը, որ աշխատանքի նույն քանակը տարբեր երկրներում պահանջմունքների տարբեր քանակ է բավարարում[7], հետևապես, այն հետևանքը, որ մյուս պայմանների նմանության դեպքում անհրաժեշտ աշխատաժամանակը տարբեր է լինում։ Նրանք հավելյալ աշխատանքի վրա ազդում են միայն որպես բնական սահման, այսինքն՝ որոշում են այն կետը, որի սահմաններից դուրս կարող է սկսվել աշխատանքը ուրիշների համար։ Նույն այն չափով, որով զարգանում է արդյունաբերությունը, ետ է մղվում այդ բնական սահմանը։ Արևմտաեվրոպական հասարակության մեջ, որտեղ բանվորը միայն հավելյալ աշխատանքի միջոցով կարող է աշխատելու թույլտվություն գնել իր սեփական գոյությունը պահպանելու համար, հեշտությամբ առաջ է գալիս այն պատրանքը, թե հավելյալ արդյունք մատակարարելը մարդկային աշխատանքի բնածին հատկությունն է[8]։ Բայց վերցնենք, օրինակ, ասիական արշիպելագի արևելյան այն կղզիների բնակիչներին, որտեղ սագոն վայրի ձևով աճում է անտառում։ «Բնակիչները, ծառի մեջ մի ծակ շաղափելով և համոզվելով, որ միջուկը հասել է, ծառը կտրում են և բաժանում մի քանի կտորների, ճանկերով հանում են միջուկը, ջրի հետ խառնում և ջուրը քամելով ստանում են գործածության համար միանգամայն պիտանի սագոյի ալյուր։ Մի ծառը սովորաբար տալիս է 300 ֆունտ և կարող է տալ 500-ից մինչև 600 ֆունտ։ Այնտեղ, այսպիսով, անտառ են գնում իրենց համար հաց կտրելու, այնպես, ինչպես մեզանում անտառ են գնում փայտ կտրելու»[9]։ Ենթադրենք, որ արևելյան-ասիացի մի այդպիսի հացահատի շաբաթական 12 աշխատաժամ է հարկավոր իր բոլոր պահանջմունքները բավարարելու համար։ Բարենպաստ բնական պայմաններն անմիջաբար միայն մի բան են տալիս նրան՝ ավելորդ ազատ ժամանակ։ Որպեսզի նա այդ ազատ ժամանակն արտադրողաբար գործադրի հենց իրեն համար, անհրաժեշտ է պատմական պայմանների մի ամբողջ շարք. որպեսզի նա այդ ազատ ժամանակը ծախսի ուրիշ անձերի համար, հավելյալ աշխատանքի ձևով, պահանջվում է արտաքին հարկադրանք։ Եթե այնտեղ կապիտալիստական արտադրություն մտցված լիներ, ապա մեր կտրիճը ստիպված կլիներ, գուցե, շաբաթվա մեջ 6 օր աշխատելու, որպեսզի մի աշխատանքային օրվա արդյունքը իր օգտին գործադրեր։ Բնության առատաձեռնությունը ամենևին չի բացատրում, թե ինչու նա հիմա շաբաթվա մեջ 6 օր է աշխատում կամ ինչու է 5 օրվա հավելյալ աշխատանք, այսինքն՝ հսկայական հավելյալ արդյունք տալիս։ Բնության առատաձեռնությունը միայն այն է բացատրում, թե ինչու է նրա անհրաժեշտ աշխատաժամանակը սահմանափակված շաբաթվա մեջ մի օրով։ Բայց նրա հավելյալ արդյունքը ոչ մի դեպքում չէր կարող առաջ գալ մարդկային աշխատանքի ինչ-որ բնածին, խորհրդավոր հատկությունից։

Աշխատանքի ինչպես պատմականորեն զարգացած, հասարակական, այնպես էլ հենց բնությամբ պայմանավորված արտադրողական ուժերը թվում են որպես կապիտալի արտադրողական ուժեր, կապիտալի, որը յուրացրել է այդ աշխատանքը։

Ռիկարդոն երբեք իրեն հարց չէր տալիս հավելյալ արժեքի ծագման մասին։ Նա հավելյալ արժեքը դիտում է որպես արտադրության կապիտալիստական եղանակին ներհատուկ մի բան, համարելով այդ եղանակը հասարակական արտադրության բնական ձև։ Որտեղ նա խոսում է աշխատանքի արտադրողականության մասին, այնտեղ նրա մեջ որոնում է ոչ թե հավելյալ արժեքի գոյության պատճառը, այլ այն պատճառը միայն, որը որոշում է հավելյալ արժեքի մեծությունը։ Այնինչ նրա դպրոցը բարձրաձայն հայտարարեց, թե աշխատանքի արտադրողական ուժն է շահույթի (կարդա՛ հավելյալ արժեքի) ծագման պատճառը։ Համենայն դեպս այդ մի առաջադիմություն է մերկանտիլիստների համեմատությամբ, որոնք, իրենց կողմից, արդյունքի գնի ավելցուկը, նրա արտադրության ծախքերի համեմատությամբ, բխեցնում են փոխանակությունից, արդյունքներն իրենց արժեքից բարձր վաճառելուց։ Սակայն Ռիկարդոյի դպրոցը ևս լոկ շրջանցեց, բայց չլուծեց պրոբլեմը։ Եվ այդ հասկանալի է. բուրժուական այդ տնտեսագետների բնազդը միանգամայն ճիշտ թելադրեց, որ շատ վտանգավոր է հավելյալ արժեքի ծագման հրատապ հարցը չափազանց խոր հետազոտել։ Բայց ի՞նչ կասես, երբ Ռիկարդոյից կես դար հետո պարոն Ջոն Ստյուարտ Միլլը վատթար ձևով կրկնում է Ռիկարդոյի առաջին վուլգարիզատորների անպետք խուսաբանությունները և այդ հիման վրա սեփական արժանապատվության զգացումով իր գերազանցությունն է հավաստում մերկանտիլիստների համեմատությամբ։

Միլլն ասում է. «Շահույթի պատճառն այն է, որ աշխատանքն ավելի է արտադրում, քան անհրաժեշտ է նրա պահպանման համար»։ Առայժմ դրանք միայն հին կրկներգեր են. բայց Միլլն ուզում է դրան ավելացնել որոշ բան իր սեփական մտքերից. «Կամ, այլ կերպ արտահայտած, այն պատճառը, որի հետևանքով կապիտալը շահույթ է բերում, այն է, որ կերակուրը, զգեստը, հումքն ու աշխատամիջոցներն ավելի երկար ժամանակ են գոյություն ունենում, քան պահանջվում է նրանց արտադրության համար»։ Միլլն այստեղ շփոթում է աշխատաժամանակի տևողությունն ու աշխատանքի արդյունքների գոյության տևողությունը։ Այդ տեսակետից հացագործը, որի արդյունքները միայն մի օր գոյություն ունեն, իր վարձու բանվորներից երբեք չէր կարող նույնքան շահույթ կորզել, որքան այն մեքենագործը, որի արդյունքները քսան տարի ու ավելի են հարատևում։ Համենայն դեպս, անկասկած է, որ եթե թռչունների բները միայն այնքան ժամանակ դիմանային, որքան պահանջվում է բներ շինելու համար, ապա թռչունները պետք է առանց բների ապրեին։

Այս հիմնական ճշմարտությունը հաստատելով, Միլլը հավաստում է այնուհետև իր գերազանցությունը մերկանտիլիստների համեմատությամբ. «Այսպիսով, մենք տեսնում ենք, որ շահույթը ծագում է ո՛չ թե փոխանակության կողմնակի փաստից, այլ աշխատանքի արտադրողական ուժից, տվյալ երկրի ընդհանուր շահույթը միշտ որոշվում է աշխատանքի արտադրողական ուժով, անկախ այն բանից՝ փոխանակություն տեղի ունի՞ թե ոչ։ Եթե չլիներ զբաղմունքների բաժանում, ոչ առք կլիներ, ո՛չ էլ վաճառք, բայց, այնուամենայնիվ, շահույթը կմնար»։ Այսպես ուրեմն, փոխանակությունը, առքն ու վաճառքը,— կապիտալիստական արտադրության այդ ընդհանուր պայմանները,— այստեղ բոլորովի՜ն կողմնակի հանգամանքներ են հայտարարվում. շահույթը մնում է նույնիսկ այն դեպքում, երբ չկա աշխատուժի ո՛չ առք, ո՛չ էլ վաճառք։

Այնուհետև. «Եթե տվյալ երկրի բանվորության ամբողջությունն իր աշխատավարձի գումարից 20% ավելի է արտադրում, ապա շահույթը կլինի 20%, ինչ էլ որ լինի ապրանքային գների դրությունը»։— Մի կողմից, այդ մի վերին աստիճանի հաջող նույնաբանություն է, որովհետև, եթե բանվորներն իրենց կապիտալիստների համար 20% հավելյալ արժեք են արտադրում, ապա ինքնին հասկանալի է, որ կապիտալիստների շահույթը կհարաբերի բանվորների հավաքական աշխատավարձին, ինչպես 20։100-ին։ Մյուս կողմից, բոլորովին սխալ է, թե շահույթը «կլինի 20%»։ Նա անխուսափելիորեն ավելի քիչ կլինի, որովհետև շահույթը հաշվվում է ավանսավորած կապիտալի ամբողջ գումարի համեմատությամբ։ Ենթադրենք, օրինակ, կապիտալիստը ավանսավորել է 500 ֆնտ. ստեռլինգ, որից 400 ֆնտ. ստ.՝ արտադրության միջոցների ձևով, 100 ֆնտ. ստ.՝ աշխատավարձի ձևով։ Ենթադրենք, հավելյալ արժեքի նորման, ինչպես վերևում ընդունվեց, 20% է։ Այս դեպքում շահույթի նորման կլինի 20:500, այսինքն՝ 4%, և ոչ թե 20%։

Այնուհետև գալիս է մի փայլուն նմուշ, թե ինչպես է Միլլը վարվում հասարակական արտադրության պատմական տարբեր ձևերի հետ, «Ես ենթադրում եմ ամեն տեղ իրերի արդի դրությունը, որը, սակավ բացառություններով, իշխում է ամենուրեք, այսինքն՝ որ կապիտալիստն է կատարում բոլոր նախնական ծախսումները, հաշված նաև բանվորի վարձատրությունը»։ Զարմանալի տեսախաբություն — ամենուրեք տեսնել այնպիսի հարաբերություններ, որոնք երկրագնդի վրա մինչև այժմ գոյություն են ունեցել միայն իբրև բացառությո՜ւն։ Բայց առաջ գնանք։ Միլլը բարեհաճ կերպով համաձայնում է, թե «բացարձակ անհրաժեշտություն չէ, որ այդ այդպես չինի»* [Տես 9 ծանոթ. հետո]։ Ընդհակառակը։ «Բանվորը կկարողանար իր ամբողջ աշխատավարձի վճարմանն սպասել մինչև աշխատանքի լիովին ավարտվելը, եթե նա այդ ժամանակամիջոցի համար անհրաժեշտ կենսամիջոցներ ունենար։ Բայց այս դեպքում նա մի որոշ չափով կլիներ կապիտալիստ, որը կապիտալ կդներ գործի մեջ և այդ գործը վարելու համար անհրաժեշտ ֆոնդի մի մասը կմատակարարեր»։ Նույնպիսի իրավունքով Միլլը կարող էր ասել, թե այն բանվորը, որը ո՛չ միայն կենսամիջոցներ, այլև աշխատամիջոցներ է փոխ տվել ինքն իրեն, փաստորեն իր սեփական վարձու բանվորն է։ Կամ թե՝ ամերիկյան գյուղացին իր սեփական ստրուկն է, որը սովորական ստրուկից միայն նրանով է տարբերվում, որ ո՛չ թե կալվածատիրոջ համար է կոռ անում, այլ հենց իրեն համար։

Այսպիսով, լիակատար պարզությամբ ցույց տալով, որ եթե կապիտալիստական արտադրությունը նույնիսկ գոյություն չունենար, այնուամենայնիվ, դարձյալ գոյություն կունենար, Միլլը նույնպիսի հետևողականությամբ հետո ապացուցում է, թե կապիտալիստական արտադրությունը գոյություն չունի մինչև անգամ այն դեպքում, երբ գոյություն ունի։ «Բայց նույնիսկ վերջին դեպքում (այսինքն՝ եթե կապիտալիստը վարձու բանվորին ավանսավորում է նրա գոյության բոլոր միջոցները), բանվորին կարելի է դիտել նույն այդ տեսակետից (այսինքն՝ որպես կապիտալիստի)։ Որովհետև իր աշխատանքը տալով շուկայական գնից ցած (!), նա կարծես թե իր ձեռնարկատիրոջն ավանսավորում է տարբերությունը (?) և այլն» [Տես 9a ծանոթ.] ։ Իրականում բանվորն իր աշխատանքը ձրի ավանսավորում է կապիտալիստին մի շաբաթվա ընթացքում և այլն, որպեսզի այդ աշխատանքի շուկայական գինն ստանա շաբաթվա վերջում և այլն. Միլլի կարծիքով, այդ հանգամանքը բանվորին դարձնում է կապիտալիստ։ Հարթ տափարակի վրա ամեն մի հողակոշտ բլուր է երևում, ժամանակակից բուրժուական մտքի տափակությունը ամենից լավ կերպով չափվում է նրա «մեծ մտածողների» կալիբրով։

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԳՆԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատուժի արժեքը որոշվում է միջին բանվորի սովորական անհրաժեշտ կենսամիջոցների արժեքով։ Այդ կենսամիջոցների մասսան, չնայած նրանց ձևի հնարավոր փոփոխություններին, տվյալ դարաշրջանի և տվյալ հասարակության համար տրված է, ուստի և պետք է դիտվի որպես մի հաստատուն մեծություն։ Փոխվում է միայն այդ մասսայի արժեքը։ Աշխատուժի արժեքի որոշման մեջ մտնում են ևս երկու գործոն։ Մի կողմից՝ աշխատուժի զարգացման ծախքերը, որոնք փոփոխվում են արտադրության եղանակի փոփոխման հետ. մյուս կողմից՝ բնական տարբերությունները տղամարդու և կնոջ աշխատանքի միջև, մեծահասակ բանվորների և դեռահասների աշխատանքի միջև։ Այդ տարբեր աշխատուժերի գործադրումը, որ դարձյալ պայմանավորված է արտադրության եղանակով, խոշոր տարբերություն է ստեղծում բանվորական ընտանիքի վերարտադրության ծախքերի և մեծահասակ տղամարդ-բանվորի արժեքի միջև։ Սակայն հետագա ուսումնասիրության մեջ այղ երկու գործոնը հաշվի չեն առնվում [Տես 9b ծանոթ.

Մենք ենթադրում ենք, 1) որ ապրանքները ծախվում են իրենց արժեքով. 2) որ աշխատուժի գինը կարող է երբեմն արժեքից բարձրանալ, բայց երբեք նրանից ցած չի ընկնում։

Այդպիսի ենթադրության դեպքում աշխատուժի գնի և հավելյալ արժեքի հարաբերական մեծությունները որոշվում են երեք հանգամանքով. 1) աշխատանքային օրվա երկարությամբ կամ աշխատանքի էքստենսիվ մեծությամբ. 2) աշխատանքի նորմալ ինտենսիվությամբ կամ նրա ինտենսիվ մեծությամբ,— նրանով, որ աշխատանքի որոշ քանակ է ծախսվում տվյալ ժամանակի ընթացքում. 3) վերջապես, աշխատանքի արտադրողական ուժով,— նրանով, որ աշխատանքի միևնույն քանակը, նայած արտադրության պայմանների զարգացման աստիճանին, տվյալ ժամանակի ընթացքում կարող է ավելի մեծ կամ ավելի փոքր քանակությամբ արդյունք տալ։ Ակներև է, որ այստեղ հնարավոր են ամենաբազմազան կոմբինացիաներ, եթե երեք գործոնից մեկը հաստատուն է, իսկ երկուսը փոփոխվում են, կամ երկու գործոնը հաստատուն են, իսկ մեկը փոփոխվում է, կամ, վերջապես, երեքն էլ միաժամանակ փոփոխվում են։ Կոմբինացիաների թիվն ավելանում է նաև այն հանգամանքի շնորհիվ, որ տարբեր գործոնների միաժամանակյա փոփոխությունների դեպքում փոփոխությունների մեծությունը և ուղղությունը կարող են տարբեր լինել։ Հաջորդ շարադրանքի մեջ հետազոտված են միայն ամենագլխավոր կոմբինացիաները։

I. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ (ՏՐՎԱԾ) ԵՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է

Այս ենթադրության դեպքում աշխատուժի արժեքն ու հավելյալ արժեքը որոշվում են երեք օրենքով.

Առաջին. Տվյալ մեծությամբ աշխատանքային օրը միշտ արտահայտվում է նոր արտադրված միևնույն արժեքի մեջ, ինչպես էլ փոփոխվի աշխատանքի արտադրողականությունը և դրա հետ միասին արդյունքների մասսան, հետևապես նաև՝ ապրանքի միավորի գինը։

Օրինակ, տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում նոր արտադրվող արժեքը հավասար է 6 շիլլինգի, թեև արտադրված սպառողական արժեքների քանակը փոխվում է աշխատանքի արտադրողական ուժի հետ և, հետևաբար, 6 շիլլինգ արժեքը բաշխվում է ավելի շատ կամ ավելի քիչ քանակությամբ ապրանքների վրա։

Երկրորդ. Աշխատուժի արժեքը և հավելյալ արժեքը փոփոխվում են հակադիր ուղղությամբ։ Աշխատանքի արտադրողական ուժի փոփոխումը, նրա աճումը կամ նվաղումը, հակառակ ուղղությամբ է ազդում աշխատուժի արժեքի վրա, իսկ հավելյալ արժեքի վրա՝ միևնույն ուղղությամբ։

Տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում նոր արտադրված արժեքը հաստատուն մեծություն է, օրինակ, 6 շիլլինգ է։ Այդ հաստատուն մեծությունը հավասար է հավելյալ արժեքի գումարին պլյուս աշխատուժի արժեքը, որ բանվորը փոխհատուցում է համարժեքով։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ հաստատուն մեծության երկու գումարելիներից ոչ մեկը չի կարող աճել առանց մյուսի նվազելուն։ Աշխատուժի արժեքը չի կարող 3 շիլլինգից բարձրանալ 4-ի, առանց հավելյալ արժեքը 3 շիլլինգից 2-ի իջեցնելու, և, ընդհակառակը, հավելյալ արժեքը չի կարող 3 շիլլինգից բարձրանալ 4-ի, առանց աշխատուժի արժեքը 3 շիլլինգից 2-ի իջեցնելու։ Հետևաբար, տվյալ պայմաններում աշխատուժի արժեքի կամ հավելյալ արժեքի բացարձակ մեծության փոփոխությունը հնարավոր չէ առանց նրանց հարաբերական կամ համեմատական մեծությունների միաժամանակյա փոփոխման։ Նրանք չեն կարող միաժամանակ բարձրանալ կամ իջնել։

Այնուհետև, աշխատուժի արժեքը չի կարող իջնել, և, հետևապես, հավելյալ արժեքը չի կարող բարձրանալ, եթե աշխատանքի արտադրողական ուժը չի բարձրանում. այսպես, վերը բերված օրինակում աշխատուժի արժեքը կարող է 3 շիլլինգից իջնել 2-ի միայն այն դեպքում, եթե աշխատանքի բարձրացած արտադրողական ուժը թույլ է տալիս 4 ժամում նույն

քանակությամբ կենսամիջոցներ արտադրել, որոնք առաջ 6 ժամ էին պահանջում իրենց արտադրության համար։ Ընդհակառակը, աշխատուժի արժեքը չի կարող 3-ից բարձրանալ 4 շիլլինգի, եթե աշխատանքի արտադրողական ուժը չրնկնի այնպես, որ 8 ժամ պահանջվի կենսամիջոցների այդ նույն մասսան արտադրելու համար, որի համար առաջ 6 ժամը բավական էր։ Սրանից հետևում է, որ աշխատանքի արտադրողականության ավելացումն իջեցնում է աշխատուժի արժեքը և, հետևապես, բարձրացնում է հավելյալ արժեքը, և, ընդհակառակը, աշխատանքի արտադրողականության նվաղումը բարձրացնում է աշխատուժի արժեքը և իջեցնում է հավելյալ արժեքը։

Այդ օրենքը ձևակերպելիս Ռիկարդոն աչքաթող է արել մի հանգամանք. թեև հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի մեծության փոփոխումը ենթադրում է աշխատուժի արժեքի կամ անհրաժեշտ աշխատանքի մեծության հակադարձ փոփոխում, սակայն այստեղից ամենևին չի հետևում, թե այդ մեծությունները միևնույն համամասնությամբ են փոփոխվում։ Այստեղ ավելացումը կամ պակասումը միևնույն քանակով է կատարվում։ Բայց այն համամասնությունը, որով ավելանում կամ պակասում է նոր արտադրված արժեքի կամ աշխատանքային օրվա բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրը, կախված է սկզբնական այն բաժանումից, որ կատարվել էր աշխատանքի արտադրողական ուժի փոփոխումից առաջ։ Ասենք՝ աշխատուժի արժեքը 4 շիլլինգ է, կամ անհրաժեշտ աշխատաժամանակը՝ 8 ժամ, հավելյալ արժեքը՝ 2 շիլլինգ, կամ հավելյալ աշխատանքը՝ 4 ժամ. եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով աշխատուժի արժեքն իջնի 3 շիլլինգի, կամ անհրաժեշտ աշխատաժամանակը՝ 6 ժամի, ապա հավելյալ արժեքը կբարձրանա 3 շիլլինգի, կամ հավելյալ աշխատանքը՝ 6 ժամի։ 2 ժամ կամ 1 շիլլինգ կազմող միևնույն մեծությունը մի դեպքում ավելացվում է, մյուս դեպքում՝ հանվում։ Բայց մեծությունների համամասնական փոփոխությունը երկու դեպքում էլ միևնույնը չէ։ Մինչդեռ աշխատուժի արժեքը 4 շիլլինգից իջնում է 3-ի, հետևապես, պակասում է ¼-ով կամ 25%-ով, հավելյալ արժեքը 2 շիլլինգից բարձրանում է 3-ի, այսինքն՝ ավելանում է կիսով չափ կամ 50%-ով։ Սրանից հետևում է, որ այն համամասնությունը, որով աշխատանքի արտադրողական ուժի տվյալ փոփոխության հետևանքով հավելյալ արժեքը աճում կամ պակասում է, այնքան է մեծ, որքան փոքր է, և այնքան փոքր, որքան սկզբում մեծ է եղել աշխատանքային օրվա այն մասը, որ արտահայտվում է հավելյալ արժեքի մեջ։

Երրորդ. Հավելյալ արժեքի աճումը կամ նվազումը միշտ աշխատուժի արժեքի համապատասխան նվազման կամ աճման հետևանք է, բայց ոչ երբեք պատճառ[10]։

Քանի որ աշխատանքային օրը հաստատուն մեծություն է և արտահայտվում է արժեքի հաստատուն մեծության մեջ, այնուհետև, քանի որ հավելյալ արժեքի մեծության ամեն մի փոփոխությանը համապատասխանում է աշխատուժի արժեքի հակադարձ փոփոխությունը, և որովհետև աշխատուժի արժեքը կարող է փոփոխվել միայն աշխատանքի արտադրողականությունը փոփոխվելիս, ուստի այստեղից ակներևորեն հետևում է, որ հավելյալ արժեքի մեծության ամեն մի փոփոխություն մատնանշված պայմաններում առաջ է գալիս աշխատուժի արժեքի մեծության հակադարձ փոփոխության հետևանքով։ Սրանից առաջ մենք տեսանք, որ աշխատուժի արժեքի և հավելյալ արժեքի բացարձակ մեծությունների ոչ մի փոփոխություն հնարավոր չէ առանց նրանց հարաբերական մեծությունների փոփոխման։ Սրանից հետևում է, որ, նաև ընդհակառակը, նրանց հարաբերական մեծությունների ոչ մի փոփոխություն հնարավոր չէ առանց աշխատուժի արժեքի բացարձակ մեծության փոփոխության։

Երրորդ օրենքի համաձայն՝ հավելյալ արժեքի մեծության փոփոխությունը ենթադրում է աշխատուժի արժեքի այնպիսի փոփոխություն, որն առաջացել է աշխատանքի արտադրողական Ուժի փոփոխությունից։ Առաջին փոփոխության սահմանը տրված է աշխատուժի արժեքի նոր մակարդակով։ Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ պայմանները թույլ են տալիս, որ քննվող օրենքը երևան բերի իր ներգործությունը, հնարավոր են միջակա փոփոխություններ։ Այսպես, օրինակ, եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով աշխատուժի արժեքն ընկնում է 4 շիլլինգից 3-ի, կամ անհրաժեշտ աշխատաժամանակը՝ 8 ժամից 6-ի, ապա աշխատուժի գինը կարող է ընկնել ընդամենը մինչև 3 շիլլինգ 8 պենս, 3 շիլլինգ 6 պենս, 3 շիլլինգ 2 պենս և այլն, հետևապես, հավելյալ արժեքը բարձրանալով հասնում է միայն 3 շիլլինգ 4 պենսի, 3 շիլլինգ 6 պենսի, 3 շիլլինգ 10 պենսի և այլն։ Այս անկման աստիճանը, որի վերջին սահմանը 3 շիլլինգ է, կախված է այն տեսակարար կշռից, որ ունի կապիտալի ճնշումը՝ մի կողմից, բանվորների դիմադրությունը՝ մյուս կողմից։

Աշխատուժի արժեքը որոշվում է կենսամիջոցների մի որոշ քանակի արժեքով։ Աշխատանքի արտադրողական ուժի փոփոխության հետ փոխվում է այդ կենսամիջոցների արժեքը, և ոչ թե նրանց մասսան։ Աշխատանքի արտադրողական ուժը բարձրանալիս կենսամիջոցների այն մասսան, որ անհրաժեշտ է թե՛ բանվորին՛ և թե՛ կապիտալիստին, կարող է միաժամանակ ու միևնույն համամասնությամբ աճել՝ առանց որևէ փոփոխություն առաջ բերելու աշխատուժի գնի և հավելյալ արժեքի մեծությունների միջև։ Եթե աշխատուժի սկզբնական արժեքը 3 շիլլինգ է, իսկ անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 6 ժամի, և եթե հավելյալ արժեքը նույնպես 3 շիլլինգ է, այսինքն՝ հավելյալ աշխատանքը նմանապես հավասար է 6 ժամի, ապա աշխատանքի արտադրողական ուժի կրկնապատկումը, աշխատանքային օրվա առաջվա բաժանման դեպքում, անփոփոխ կթողնի աշխատուժի գինն ու հավելյալ արժեքը։ Հիմա ենթադրենք, որ նրանցից ամեն մեկն արտահայտվում է կրկնակի քանակությամբ, բայց համապատասխանորեն էժանացած սպառողական արժեքների մեջ։ Թեև աշխատուժի գինն անփոփոխ է մնացել, բայց նա, այնուամենայնիվ, հիմա այդ ուժի արժեքից բարձր է։ Եթե աշխատուժի գինն ընկներ, բայց ոչ մինչև 1½ շիլլինգ նվազագույն սահմանը, որը նրա նոր արժեքի միջոցով է որոշվում, այլ մինչև 2 շիլլինգ 10 պենսի, 2 շիլլինգ 6 պենսի և այլն, ապա նույնիսկ այդ ընկած գինն այնուամենայնիվ կենսամիջոցների աճող մասսա կներկայացներ։ Այսպիսով, աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման ժամանակ աշխատուժի գինը կարող էր շարունակ ընկնել բանվորի կենսամիջոցների մասսայի անընդհատ աճմանը զուգընթաց։ Բայց հարաբերաբար, այսինքն՝ հավելյալ արժեքի հետ համեմատած, աշխատուժի արժեքը շարունակ կպակասեր, և, հետևապես, է՛լ ավելի կխորանար բանվորի և կապիտալիստի կենսական մակարդակների միջև եղած անդունդը[11]։

Առաջինը Ռիկարդոն է խստորեն ձևակերպել վերևում սահմանված երեք օրենքը։ Նրա շարադրանքի թերություններն են՝ 1) այն առանձնահատուկ պայմանները, որոնց շրջանակներում հիշյալ օրենքները ուժ ունեն, նա համարում է կապիտալիստական արտադրության ինքնրստինքյան հասկանալի, ընդհանրական ու բացառիկ պայմաններ։ Նրա համար գոյություն չունեն փոփոխություններ ո՛չ աշխատանքային օրվա երկարության մեջ, ո՛չ էլ աշխատանքի ինտենսիվության մեջ, այնպես որ նրա համար բուն աշխատանքի արտադրողական ուժը միակ փոփոխուն գործոնն է։ 2) Մյուս բոլոր տնտեսագետների նման Ռիկարդոն երբեք չի հետազոտել հավելյալ արժեքը որպես այդպիսին, այսինքն՝ անկախ նրա այն հատուկ ձևերից, ինչպես շահույթը, հողային ռենտան և այլն։ Եվ այդ երկրորդ անճշտությունը շատ ավելի զգալի սխալներ է մտցրել Ռիկարդոյի վերլուծության մեջ, քան առաջին անճշտությունը։ Հավելյալ արժեքի նորմային վերաբերյալ օրենքները նա անմիջաբար խառնում է շահույթի նորմայի օրենքների հետ։ Մինչդեռ, ինչպես արդեն ասվեց, շահույթի նորման հավելյալ արժեքի հարաբերությունն է ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այնինչ հավելյալ արժեքի նորման հավելյալ արժեքի հարաբերությունն է այդ կապիտալի միայն փոփոխուն մասի նկատմամբ։ Ենթադրենք, թե 500 ֆնտ. ստ. կապիտալը (K) բաժանվում է հումքի, աշխատամիջոցների և այլն, որոնք միասին կազմում են 400 ֆնտ. ստ. (c) և 10 ֆնտ. ստ. աշխատավարձի (v) այնուհետև ենթադրենք, թե հավելյալ արժեքը = 100 ֆնտ. ստ. (m)։ Այն ժամանակ հավելյալ արժեքի նորման Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։ Մինչդեռ շահույթի նորման Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։ Բացի դրանից, ակնհայտ է, որ շահույթի նորման կարող է կախված լինել այնպիսի հանգամանքներից, որոնք ոչ մի ազդեցություն չեն գործում հավելյալ արժեքի նորմայի վրա։ Ես հետագայում, այս աշխատության երրորդ գրքում, ցույց կտամ, որ որոշ հանգամանքներում հավելյալ արժեքի միևնույն նորման կարող է արտահայտվել շահույթի ամենատարբեր նորմաների մեջ, և հավելյալ արժեքի տարբեր նորմաները՝ շահույթի միևնույն նորմայի մեջ։

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է

Աշխատանքի աճող ինտենսիվությունը ենթադրում է աշխատանքի ավելի մեծ ծախսում միևնույն ժամանակամիջոցում։ Ուստի ավելի ինտենսիվ աշխատանքային օրը մարմնանում է ավելի մեծ քանակությամբ արդյունքների մեջ, քան նույն տևողությամբ ավելի պակաս ինտենսիվ աշխատանքային օրը։ Ճիշտ է, արտադրողական ուժը բարձրանալիս էլ նույն աշխատանքային օրն ավելի շատ արդյունք է տալիս։ Բայց վերջին դեպքում իջնում է արդյունքի միավորի արժեքը, որովհետև արտադրողականության աճման հետևանքով արդյունքն առաջվանից ավելի քիչ աշխատանք արժի, ընդհակառակը, առաջին դեպքում արժեքն անփոփոխ է մնում, որովհետև արդյունքը նույնքան աշխատանք արժի, որքան և առաջ։ Արդյունքների քանակն այստեղ աճում է առանց գների անկում առաջ բերելու։ Նրանց քանակի հետ աճում է նաև նրանց գների գումարը, մինչդեռ արտադրողականությունը բարձրանալիս արժեքների միևնույն գումարը արտահայտվում է արդյունքների աճած մասսայի մեջ։ Այսպիսով, աշխատաժամերի թիվն անփոփոխ մնալիս ավելի ինտենսիվ աշխատանքային օրը մարմնանում է նոր ստեղծված ավելի բարձր արժեքի մեջ, հետևապես, եթե փողի արժեքը չի փոխվում,— ավելի մեծ քանակով փողի մեջ։ Աշխատանքային օրվա ընթացքում նոր ստեղծված արժեքը փոփոխվում է աշխատանքի ինտենսիվության շեղումների հետ՝ հասարակական նորմալ մակարդակից։ Միևնույն աշխատանքային օրն այժմ արտահայտվում է ո՛չ թե մի հաստատուն, ինչպես առաջ էր, այլ փոփոխուն, նոր արտադրված արժեքի մեջ. ինչպես, օրինակ, տասներկուժամյա ավելի ինտենսիվ աշխատանքային օրը 7 շիլլինգի մեջ, 8 շիլլինգի մեջ և այլն՝ փոխանակ 6 շիլլինգի մեջ, ինչպես արտահայտվում է սովորական ինտենսիվություն ունեցող տասներկուժամյա աշխատանքային օրը։ Ակներև է, որ եթե աշխատանքային օրվա ընթացքում նոր արտադրված արժեքը փոփոխվում է, օրին.՝ 6-ից մինչև 8 շիլլինգի, ապա այդ նոր արտադրված արժեքի երկու բաղկացուցիչ մասն

էլ — աշխատուժի գինն ու հավելյալ արժեքը — կարող են միաժամանակ աճել նույն կամ տարբեր համամասնությամբ։ Աշխատուժի գինը և հավելյալ արժեքը կարող են միաժամանակ աճել, 3 շիլլինգից հասնելով 4-ի, եթե նոր ստեղծված արժեքը 6-ից բարձրանա 8-ի։ Աշխատուժի գնի աճումը տվյալ դեպքում անհրաժեշտորեն չի նշանակում, թե այդ գինը գերազանցել է աշխատուժի արժեքը։ Այդ բարձրացումը կարող է, ընդհակառակը, զուգորդվել աշխատուժի արժեքի անկման հետ։ Այդ անկումը տեղի է ունենում այն բոլոր դեպքերում, երբ աշխատուժի գնի բարձրացումը չի փոխհատուցում նրա արագացած մաշումը։

Մեզ հայտնի է, որ, անցողիկ բացառությունները չհաշված, աշխատանքի արտադրողականության փոփոխությունը միայն այն դեպքում է փոփոխություն առաջ բերում աշխատուժի արժեքի, հետևապես նաև հավելյալ արժեքի մեծության մեջ, երբ արդյունաբերության տվյալ ճյուղի արդյունքները մտնում են բանվորի սովորական սպառման մեջ։ Այդ սահմանափակումը տվյալ դեպքում վերանում է։ Ծախսված աշխատանքի քանակը էքստենսիվ կերպով կփոխվի թե ինտենսիվ կերպով, համենայն դեպս այդ մեծության փոփոխությանը համապատասխանում է նոր ստեղծվող արժեքի մեծության փոփոխումը, անկախ այն առարկաների բնույթից, որոնց մեջ այդ արժեքը մարմնանում է։

Եթե աշխատանքի ինտենսիվությունն արդյունաբերության բոլոր ճյուղերում միաժամանակ ու հավասարաչափ բարձրանար, ապա ինտենսիվության նոր ավելի բարձր աստիճանը կդառնար սովորական հասարակական նորմալ մակարդակ և, հետևապես, արդեն հաշվի չէր առնվի այլևս որպես էքստենսիվ մեծություն։ Սակայն այդ դեպքում էլ աշխատանքի ինտենսիվության միջին աստիճանները տարբեր կմնային տարբեր ազգերի մոտ, ուստի և կձևափոխեին արժեքի օրենքի կիրառումը, տարբեր ազգերի աշխատանքային օրերի նկատմամբ։ Մի ազգի ավելի ինտենսիվ աշխատանքային օրը փողի ավելի խոշոր գումարի մեջ է արտահայտվում, քան մի ուրիշ ազգի ավելի պակաս ինտենսիվ աշխատանքային օրը[12]։

III.ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺՆ ՈՒ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է

Աշխատանքային օրը կարող է փոփոխվել երկու ուղղությամբ։ նա կարող է կրճատվել և երկարել։

1) Աշխատանքային օրվա կրճատումը տվյալ պայմաններում, այսինքն՝ աշխատանքի անփոփոխ արտադրողական ուժի և ինտենսիվության պայմաններում, անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքը, հետևապես նաև անհրաժեշտ աշխատաժամանակը։ Նա կրճատում է հավելյալ աշխատանքն ու հավելյալ արժեքը։ Վերջնի բացարձակ մեծության անկման հետ ընկնում է նաև նրա հարաբերական մեծությունը, այսինքն՝ նրա մեծությունը աշխատուժի արժեքի անփոփոխ մեծության նկատմամբ։ Տվյալ դեպքում կապիտալիստը կարող է կորուստներից զերծ մնալ միայն աշխատուժի գինը նրա արժեքից իջեցնելով։

Աշխատանքային օրվա կրճատման դեմ ուղղված բոլոր շրջուն առարկությունները ենթադրում են, թե երևույթը կատարվում է այստեղ նկատի առնված պայմաններում, այնինչ, իրոք տեղի է ունենում հակառակը. աշխատանքի արտադրողականության ու ինտենսիվության փոփոխումը կա՛մ նախորդում է աշխատանքային օրվա կրճատմանը, կա՛մ անմիջաբար հաջորդում է նրան[13]։

2) Աշխատանքային օրվա երկարացումը.— Թող անհրաժեշտ աշխատաժամանակը լինի 6 ժամ կամ աշխատուժի արժեքը՝ 3 շիլլինգ, հավելյալ աշխատանքը՝ նույնպես 6 ժամ և հավելյալ արժեքը՝ 3 շիլլինգ։ Այն ժամանակ աշխատանքային ամբողջ օրը կազմում է 12 ժամ և արտահայտվում է 6 շիլլինգ արժեք ունեցող արդյունքի մեջ։ Եթե աշխատանքային օրը 2 ժամով երկարացվում է, և աշխատուժի գինն անփոփոխ է մնում, ապա հավելյալ արժեքի բացարձակ մեծության հետ աճում է նաև նրա հարաբերական մեծությունը։ Թեև աշխատուժի արժեքն իր բացարձակ մեծությամբ չի փոփոխվում, հարաբերաբար նա ընկնում է։ I կետում ենթադրված պայմաններում աշխատուժի արժեքի հարաբերական մեծությունը չէր կարող փոփոխվել առանց նրա բացարձակ մեծության փոփոխման։ Այստեղ, ընդհակառակը, աշխատուժի արժեքի հարաբերական մեծության փոփոխությունը հավելյալ արժեքի բացարձակ մեծության փոփոխության հետևանք է։

Որովհետև նոր արտադրված արժեքը, որի մեջ արտահայտվում է աշխատանքային օրը, աճում է այս վերջնի երկարացման հետ միասին, ապա աշխատուժի գինն ու հավելյալ արժեքը կարող են միաժամանակ աճել միևնույն կամ տարրեր մեծությամբ։ Հետևաբար, այդ միաժամանակյա աճումը հնարավոր է երկու դեպքում — աշխատանքային օրվա բացարձակ երկարացման և աշխատանքի աճող ինտենսիվության դեպքում՝ առանց այդպիսի երկարացման։

Աշխատանքային օրը երկարացնելիս աշխատուժի գինը կարող է ընկնեք իր արժեքից ցած, թեկուզ և նա անվանապես անփոփոխ մնա կամ մինչև անգամ բարձրանա։ Ինչպես հիշում ենք, աշխատուժի օրական արժեքը որոշվում է բանվորի կյանքի նորմալ միջին տևողությամբ, կամ նրա կյանքի նորմալ ժամանակաշրջանով և այն պրոցեսով, որը կենդանի սուբստանցը նորմալ, մարդկային բնությանը հատուկ եղանակով փոխարկում է շարժման[14]։ Մինչև մի որոշ կետ աշխատուժի ավելի մեծ մաշումը, որ անխզելիորեն կապված է աշխատանքային օրվա երկարացման հետ, կարող է համակշռվել նրա ուժեղ փոխհատուցումով։ Այս կետի սահմաններից դուրս մաշումն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և միևնույն ժամանակ խորտակվում են աշխատուժի վերարտադրության ու գործունեության բոլոր նորմալ պայմանները։ Աշխատուժի գինն ու նրա շահագործման աստիճանը այդ պահից դադարում են համաչափելի մեծություններ լինելուց։

IV. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԻ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ակներև է, որ այստեղ հնարավոր են զգալի թվով կոմբինացիաներ։ Կարող են միաժամանակ փոփոխվել բոլոր երեք գործոնները կամ ամեն մի երկուսը՝ երրորդի անփոփոխ մնալով։ Նրանք կարող են փոփոխվել հավասար կամ տարբեր չափերով, միևնույն կամ հակառակ ուղղությամբ, ընդ որում այս վերջին դեպքում փոփոխությունները փոխհատուցվում են մասամբ կամ ամբողջովին։ Ասենք՝ I, II ու III կետերում մեր արած հետևություններից հետո բոլոր հնարավոր դեպքերի վերլուծումը դժվարություններ չի ներկայացնում։ Ամեն մի կոմբինացիայի հետևանքը շատ հեշտ կարելի է գտնել, եթե հաջորդաբար քննարկենք գործոններից յուրաքանչյուրը որպես փոփոխուն գործոն, իսկ մյուսները ենթադրելով որպես հաստատուն։ Ուստի մենք այստեղ կարճառոտ նշենք երկու կարևոր դեպք միայն։

1) Աշխատանքի նվազող արտադրողական ուժը աշխատանքային օրվա միաժամանակյա երկարացման դեպքում։

Աշխատանքի նվազող արտադրողական ուժի մասին խոսելով, մենք այստեղ նկատի ունենք աշխատանքի այն ճյուղերը, որոնց արդյունքները որոշում են աշխատուժի արժեքը, օրինակ՝ աշխատանքի արտադրողական ուժի նվազումը հողի աճող անպտղաբերության և հողագործության արդյունքների համապատասխան թանկացման հետևանքով։ Ենթադրենք՝ աշխատանքային օրը տևում է տասներկու ժամ, իսկ նրա ընթացքում նոր արտադրված արժեքը կազմում է 6 շիլլինգ, որի կեսը փոխհատուցում է աշխատուժի արժեքը, իսկ մյուս կեսը կազմում է հավելյալ արժեքը։ Հետևապես, աշխատանքային օրը տրոհվում է 6 ժամ անհրաժեշտ աշխատանքի և 6 ժամ հավելյալ աշխատանքի Ենթադրենք, թե հողագործական արդյունքների թանկացման հետևանքով աշխատումի արժեքը բարձրանում է 3-ից 4 շիլլինգի, հետևաբար, անհրաժեշտ աշխատաժամանակը 6-ից բարձրանում է 8 ժամի։ Եթե աշխատանքային օրն անփոփոխ է մնում, ապա հավելյալ աշխատանքն ընկնում է 6-ից 4 ժամի, հավելյալ արժեքը՝ 3-ից 2 շիլլինգի։ Եթե աշխատանքային օրը երկարացվում է 2 ժամով, այսինքն՝ 12-ից դառնում է 14 ժամ, ապա հավելյալ աշխատանքը մնում է հավասար 6 ժամի, հավելյալ արժեքը՝ 3 շիլլինգի։ Բայց հավելյալ արժեքի մեծությունը ընկնում է աշխատուժի արժեքի համեմատությամբ, որը չափվում է անհրաժեշտ աշխատանքով։ Եթե աշխատանքային օրը երկարացվում է 4 ժամով, 12-ից դառնում է 16 ժամ, ապա հավելյալ արժեքի հարաբերությունը աշխատուժի արժեքի նկատմամբ, հավելյալ աշխատանքի հարաբերությունը անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ անփոփոխ է մնում, բայց հավելյալ արժեքի բացարձակ մեծությունն աճելով՝ 3-ից դառնում է 4 շիլլինգ, հավելյալ աշխատանքի բացարձակ մեծությունը 6-ից դառնում է 8 ժամ, հետևապես, դրանք աճում են -ով կամ 33math>^1/_3</math>%-ով։ Այսպիսով, աշխատանքի արտադրողական ուժը նվազելիս և աշխատանքային օրը միաժամանակ երկարացնելիս հավելյալ արժեքի բացարձակ մեծությունը կարող է անփոփոխ մնալ, չնայած որ նրա համեմատական մեծությունն ընկնում է. նրա հարաբերական մեծությունը կարող է անփոփոխ մնալ, մինչդեռ նրա բացարձակ մեծությունն աճում է, և, վերջապես, աշխատանքային օրը մինչև որոշ աստիճան երկարացնելիս կարող են միաժամանակ աճել հավելյալ արժեքի թե հարաբերական և թե բացարձակ մեծությունները։

1799-ից մինչև 1815 թվականը տևող ժամանակամիջոցում կենսամիջոցների գների աճումն Անգլիայում առաջ բերեց աշխատավարձի անվանական բարձրացում, թեև կենսամիջոցների մեջ արտահայտված իրական աշխատավարձն ընկավ։ Ուեստն ու Ռիկարդոն այստեղից եզրակացրին, թե հողագործական աշխատանքի արտադրողականության նվազումն առաջ է բերել հավելյալ արժեքի նորմայի անկում, և միայն իրենց երևակայության մեջ գոյություն ունեցող այդ ենթադրությունը դարձրին աշխատավարձի, շահույթի ու հողային ռենտայի մեծությունների հարաբերակցության կարևոր վերլուծության ելակետ։ Բայց փաստորեն, աշխատանքի աճած ինտենսիվության և աշխատանքային օրվա հարկադրական երկարացման շնորհիվ, հավելյալ արժեքն այն ժամանակ աճեց թե՛ բացարձակորեն և թե՛ հարաբերաբար։ Այդ այն ժամանակաշրջանն էր, երբ աշխատանքային օրվա անչափ երկարացումը քաղաքացիության իրավունք ձեռք բերեց[15], այն ժամանակաշրջանը, որի համար առանձնապես բնորոշ են, մի կողմում` կապիտալի արագացած աճումը և մյուս կողմում` պաուպերիզմի աճումը[16]։

2) Աշխատանքի աճող ինտենսիվությունը և նրա աճող արտադրողական ուժը աշխատանքային օրվա միաժամանակյա կրճատման դեպքում։

Աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումն ու նրա ինտենսիվության աճումը մի տեսակետից միանման են ներգործում։ Երկուսն էլ ավելացնում են արդյունքների այն մասսան, որ արտադրվում է տվյալ ժամանակամիջոցում։ Հետևապես, թե՛ մեկը և թե՛ մյուսը կրճատում են աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը գործադրում է իր կենսամիջոցները կամ նրանց համարժեքն արտադրելու համար։ Աշխատանքային օրվա բացարձակ նվազագույն սահմանն ընդհանրապես որոշվում է նրա այդ անհրաժեշտ, թեկուզ և կրճատման ենթարկվող բաղկացուցիչ մասով։ Եթե աշխատանքային ամբողջ օրը հանգեր այդ վերջնին, ապա կչքանար հավելյալ աշխատանքը, մի բան, որ հնարավոր չէ կապիտալի ռեժիմի ժամանակ։ Արտադրության կապիտալիստական ձևի վերացումը հնարավորություն կտա աշխատանքային օրը սահմանափակելու անհրաժեշտ աշխատանքով։ Սակայն այս դեպքում, այլ հավասար պայմաններում, անհրաժեշտ աշխատանքը պետք է ընդարձակի իր բնագավառը։ Մի կողմից՝ բանվորի կենսապայմաններն ավելի հարուստ պետք է դառնան, նրա կենսական պահանջմունքները պետք է աճեն։ Մյուս կողմից կպահանջվեր անհրաժեշտ աշխատանք համարել այժմյան հավելյալ աշխատանքի մի մասը, այն աշխատանքը, որ պահանջվում է հասարակական պահեստի ֆոնդ և կուտակման ֆոնդ գոյացնելու համար։

Որքան ավելի ուժեղ կերպով է աճում աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի շատ կարող է կրճատվել աշխատանքային օրը, իսկ որքան ավելի կարճ է աշխատանքային օրը, այնքան ավելի ուժեղ կարող է աճել աշխատանքի ինտենսիվությունը։ Հասարակական տեսակետից աշխատանքի արտադրողականությունն աճում է նաև նրա տնտեսման միջոցով։ Վերջինը պարունակում է ո՛չ միայն արտադրության միջոցների տնտեսումը, այլև ամեն մի անօգտակար աշխատանքի վերացումը։ Թեև արտադրության կապիտալիստական եղանակն ամեն մի առանձին ձեռնարկության մեջ տնտեսման է հարկադրում, այնուամենայնիվ, կոնկուրենցիայի նրա անարխիկ ձևն առաջ է բերում արտադրության հասարակական միջոցների և աշխատուժերի անսահման շռայլում, ինչպես նաև բազմաթիվ, մինչև այժմ չվերացված, բայց ըստ էության ավելորդ ֆունկցիաներ։

Աշխատանքի տվյալ ինտենսիվության ու տվյալ արտադրողական ուժի դեպքում հասարակական աշխատանքային օրվա այն մասը, որ անհրաժեշտ է նյութական արտադրության համար, այնքան ավելի կարճ է, հետևապես, անհատի մտավոր ու հասարակական ազատ գործունեության համար մնացող ժամանակն այնքան ավելի մեծ է, որքան ավելի հավասարաչափ է բաշխված աշխատանքը հասարակության բոլոր աշխատունակ անդամների միջև, որքան հասարակության մի խավ ավելի քիչ հնարավորություն ունի աշխատանքի բնական. անհրաժեշտությունն իր վրայից թոթափելու և մի ուրիշ խավի վրա բարդելու։ Այս կողմից աշխատանքային օրվա կրճատման բացարձակ սահմանն աշխատանքի ընդհանրականությունն է։ Կապիտալիստական հասարակության մեջ մի դասակարգի ազատ ժամանակն ստեղծվում է մասսաների ամբողջ կյանքը աշխատանքի ժամանակ դարձնելու միջոցով։

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՅԻ ՏԱՐԲԵՐ ՖՈՐՄՈՒԼԱՆԵՐ

Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի նորման արտահայտվում է հետևյալ ֆորմուլաներով.

I)

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։

Առաջին երկու ֆորմուլաները նույնն են արտահայտում արժեքների հարաբերության ձևով, ինչ որ երրորդն արտահայտում է որպես ժամանակի այն հատվածների հարաբերություն, որոնց ընթացքում արտադրվում են այդ արժեքները։ Փոխադարձաբար միմյանց փոխարինող այդ ֆորմուլաներին հատուկ է տրամաբանական լիակատար խստորոշություն։ Ուստի մենք դրանք գտնում ենք արդեն կլասիկ քաղաքատնտեսության մեջ, ճիշտ է, միայն էական գծերով և ոչ թե գիտակցականորեն մշակված ձևով։ Բայց դրա փոխարեն մենք նրա մեջ հանդիպում ենք հետևյալ ածանցական ֆորմուլաներին.

II)

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։

Միևնույն հարաբերությունն այստեղ փոփոխակիորեն արտահայտված է մերթ աշխատաժամանակների ձևով, մերթ արժեքների ձևով, որոնց մեջ մարմնացած են աշխատաժամանակները, մերթ արդյունքների ձևով, որոնց մեջ գոյություն ունեն այդ արժեքները։ Ինքնին հասկանալի է, որ արդյունքի արժեքի տակ այստեղ պետք է հասկանալ աշխատանքային օրվա նոր ստեղծած արժեքը, այնինչ արդյունքի արժեքի հաստատուն մասը պետք է բացառվի։

Աշխատանքի շահագործման իրական աստիճանը կամ հավելյալ արժեքի նորման այդ բոլոր ֆորմուլաների մեջ սխալ է արտահայտված։ Ենթադրենք՝ աշխատանքային օրը 12 ժամ է։ Պահպանելով մեր նախկին օրինակի բոլոր մնացած ենթադրությունները, մենք այդ դեպքում աշխատանքի իրական շահագործման աստիճանը կարտահայտենք հետևյալ հարաբերությունների մեջ.

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): =100%։

Այնինչ II) ֆորմուլաները կիրառելով, մենք կստանանք`

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): =50%։

Այս ածանցական ֆորմուլաներն իրապես արտահայտում են այն հարաբերությունը, որով աշխատանքային օրը կամ նրա արտադրած արժեքը բաշխվում է կապիտալիստի և բանվորի միջև։ Բայց եթե դրանք ընդունվում են որպես կապիտալի ինքնաճման աստիճանի անմիջական արտահայտություն, ապա հենց դրանով էլ սահմանվում է մի սխալ օրենք. հավելյալ աշխատանքը կամ հավելյալ արժեքը իբր թե երբեք չի կարող հասնել 100%-ի[17]։ Քանի որ հավելյալ աշխատանքը միշտ կազմում է աշխատանքային օրվա լոկ մի մասը և հավելյալ արժեքը՝ նոր արտադրված արժեքի մի մասը միայն, ապա հավելյալ աշխատանքը միշտ անհրաժեշտորեն ավելի փոքր պետք է վինի ամբողջ աշխատանքային օրից կամ հավելյալ արժեքը պետք է միշտ ավելի փոքր լինի, քան նոր արտադրված ամբողջ արժեքը։ Բայց որպեսզի նրանք իրար հարաբերեն ինչպես , նրանք պետք է իրար հավասար լինեն։ Որպեսզի հավելյալ աշխատանքը կարողանա ամբողջ աշխատանքային օրը կլանել (խոսքը վերաբերում է աշխատանքային շաբաթվա, աշխատանքային տարվա միջին աշխատանքային օրվան և այլն), անհրաժեշտ աշխատանքը պետք է իջնի զրոյի։ Բայց եթե չքանում է անհրաժեշտ աշխատանքը, չքանում է նաև հավելյալ աշխատանքը, որովհետև վերջինը առաջնի ֆունկցիան է միայն։ Ուստի՝

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

հարաբերությունը երբեք չի կարող հասնել -ի սահմանին և է՛լ ավելի քիչ կարող է բարձրանալ մինչև ։ Բայց այդ միանգամայն հնարավոր է հավելյալ արժեքի նորմայի համար, որն արտահայտում է աշխատանքի շահագործման իրական աստիճանը։ Վերցնենք, օրինակի համար, պարոն Լ. դը Լավեռնի հաշվարկումը, որի համաձայն անգլիական հողագործական բանվորն ստանում է արդյունքի կամ նրա արժեքի միայն ¼-ը, իսկ կապիտալիստը (վարձակալը)՝ ¾-ը[18], ընդ որում մենք բոլորովին մի կողմ ենք թողնում այն հարցը, թե հետո ի՛նչ ձևով է բաշխվում այդ ավարը կապիտալիստի, հողային սեփականատիրոջ և այլոց միջև։ Դրա համաձայն, անգլիական գյուղատնտեսական բանվորի հավելյալ աշխատանքը հարաբերում է նրա անհրաժեշտ աշխատանքին, ինչպես 3:1, շահագործման տոկոսային նորման հավասար է 300%-ի։

Աշխատանքային օրը որպես հաստատուն մեծություն դիտելու մեթոդը, որ հատուկ է կլասիկ տնտեսագիտությանը, ամրապնդվել է II) ֆորմուլաները կիրառելու հետևանքով, որովհետև այստեղ հավելյալ աշխատանքը միշտ համեմատվում է տվյալ մեծություն ներկայացնող աշխատանքային օրվա հետ։ Նույն հետևանքն է ստացվում, երբ ուշադրություն են դարձնում բացառապես նոր արտադրված արժեքի բաշխման վրա։ Աշխատանքային օրը, որն արդեն մարմնացել է արտադրված արժեքի մեջ, միշտ տվյալ մեծության աշխատանքային օր է։

Հավելյալ արժեքի և աշխատուժի արժեքի արտահայտումը նոր արտադրված արժեքի մասերի ձևով,— ընդ որում արտահայտման այդ եղանակը, բնականաբար, աճում է արտադրության կապիտալիստական եղանակի հողի վրա, և նրա նշանակությունը մենք հետագայում կպարզենք,— այդ եղանակի արտահայտումը սքողում է կապիտալիստական հարաբերության առանձնահատուկ բնույթը, հենց այն փաստը, որ փոփոխուն կապիտալը փոխանակվում է կենդանի աշխատուժի հետ և, հետևապես, բանվորը հեռացվում է արդյունքից։ Սրա փոխարեն ստեղծվում է այնպիսի ընկերակցության հարաբերության կեղծ երևութականություն, որի մասնակիցները — կապիտալիստն ու բանվորը — արդյունքը բաժանում են իրար միջև համապատասխան այն բաժնին, որը նրանցից յուրաքանչյուրն ունի արդյունքի գոյացման մեջ[19]։

Ասենք՝ II) ֆորմուլաները միշտ կարելի է նորից վերածել I) ֆորմուլաներին։ Եթե մենք ունենք, օրինակ,

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ,

ապա անհրաժեշտ աշխատաժամանակը = տասներկու ժամվա աշխատանքային օրվան, հանած վեց ժամ հավելյալ աշխատանքը։ Հետևապես, ստանում ենք՝

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։

Երրորդ ֆորմուլան, որ ես երբեմն, առաջ ընկնելով, բերել եմ արդեն, Հետևյալն է.

III)

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։

Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ֆորմուլան կարող էր առիթ տալ կարծելու, թե իբր կապիտալիստը վարձատրում է աշխատանքը և ոչ թե աշխատուժը, բայց այդ թյուրիմացության հնարավորությունը վերացված է նախընթաց շարադրանքով։ Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): 
ֆորմուլան լոկ մի հանրամատչելի արտահայտություն է Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): 
ֆորմուլայի համար։ Կապիտալիստը վճարում է աշխատուժի արժեքը կամ նրանից շեղվող՝ աշխատուժի գինը և փոխանակության միջոցով իր տրամադրության տակ է առնում բուն իսկ կենդանի աշխատուժը։ Այդ աշխատուժի օգտագործումը, որ կատարում է կապիտալիստը, տրոհվում է երկու ժամանակաշրջանի։ Մի ժամանակաշրջանի ընթացքում բանվորն արտադրում է միայն մի արժեք, որ հավասար է նրա աշխատուժի արժեքին, հետևապես։ նրա համարժեքը միայն։ Այսպիսով, աշխատուժի համար ավանսավորած գնի փոխարեն կապիտալիստն ստանում է նույն գինն ունեցող արդյունք։ Բանն այնպես է կատարվում, որ կարծես թե կապիտալիստը արդյունքը պատրաստի գնել է շուկայում։ Հավելյալ աշխատանքի կիրառման ժամանակաշրջանում, ընդհակառակը, աշխատուժի օգտագործումը կապիտալիստի համար ստեղծում է մի արժեք, որի փոխարեն նա ոչ մի արժեք չի ծախսում[20]։ Այստեղ աշխատուժի կիրառումը նա ձրի է ձեռք բերում։ Այս իմաստով հավելյալ աշխատանքը կարող է չվարձատրված աշխատանք կոչվել։

Այսպես ուրեմն, կապիտալը աշխատանքի նկատմամբ միայն հրամանատարություն չէ, ինչպես Ա. Սմիթն է արտահայտվում։ Իր հիմքում նա հրամանատարություն է չվարձատրված աշխատանքի նկատմամբ։ Ամեն մի հավելյալ արժեք, ինչպիսի առանձնահատուկ ձևով էլ որ նա հետագայում բյուրեղանա, արդյոք շահույթի, տոկոսի, ռենտայի թե՞ այլ ձևով, ըստ իր սուբստանցի՝ չվարձատրված աշխատաժամանակի նյութականացումն է։ Կապիտալի ինքնաճման գաղտնիքի լուծումն այն է, որ կապիտալն ուրիշի չվարձատրված աշխատանքի մի որոշ քանակի տեր ու տնօրենն է։


  1. «Արդեն կապիտալիստական ձեռնարկատերերի՝ որպես հատուկ դասակարգի գոյությունը կախված է աշխատանքի արտադրողականությունից» (Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». London 1821, էջ 206)։ «Եթե յուրաքանչյուր մարդու աշխատանքը բավական լիներ միայն իր սեփական կերակուրը հայթայթելու համար, ապա սեփականությունը չէր կարող գոյություն ունենալ» (Ravenstone: «Thoughts on the Funding System». London 1824, էջ 14)։
    1a Վերջերս կատարված մի հաշվի համաձայն, միայն այն երկրներում, որոնք արդեն հետազոտված են եվրոպացիների կողմից, առնվազն չորս միլիոն մարդակեր են ապրում։
  2. «Ամերիկայի վայրենի հնդկացիների մեջ համարյա ամեն ինչ պատկանում է աշխատողին, արդյունքի 99 տոկոսը պետք է աշխատանքի բաժինը հաշվել։ Անգլիայում գուցե -ն էլ բաժին չի ընկնում բանվորին» («The Advantages of the East-India Trade etc.». London 1720, էջ 72, 73)։
  3. «Diodor's von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 80 [էջ 126]։
  4. «Առաջինը (բնական հարստությունը), ավելի բարենպաստ ու ձեռնտու լինելով,... ժողովրդին դարձնում է անհոգ, ամբարտավան ու ամեն տեսակ սանձարձակությունների անձնատուր եղած, այնինչ երկրորդը նպաստում է զգոնության, գիտությունների, արվեստների ու քաղաքական հաստատությունների զարգացմանը» («England’s Treasure by Foreign Trade. Or the Balance of our Foreign Trade is the Rule of our Treasure. Written by Thomas Mun, of London, Merchant, and now published for the common good by his son John Mun». London 1669, էջ 181, 182 «Եվ ես չեմ կարող ժողովրդի համար ավելի մեծ անեծք պատկերացնել, քան նետված լինել մի կտոր հողի վրա, որտեղ բնությունն ինքն է առատորեն արտադրում կենսամիջոցներ և ուտելիք, իսկ կլիման չի պահանջում կամ թե չի թույլատրում հագուստի և վատ եղանակից պաշտպանվելու մասին շատ հոգալ... Հնարավոր է նաև հակառակ ծայրահեղությունը։ Այն հողը, որ անընդունակ է իր մեջ ներդրված աշխատանքի օգնությամբ արտադրելու, բոլորովին նույն կերպ վատ է, ինչպես այն հողը, որ առատորեն արտադրում է առանց որևէ աշխատանք կիրառելու» («An Inquiry on the Causes of the Present High Price of Provisions». London 1767, էջ 10)։
  5. Նեղոսի հեղեղումների ժամանակաշրջանները հաշվելու անհրաժեշտությունը ստեղծեց եգիպտական աստղաբաշխությունը, իսկ դրա հետ միասին քրմերին որպես հողագործությունը ղեկավարողների կաստայի տիրապետությունը։ «Արևադարձը տարվա մեջ այն մոմենտն է, երբ սկսվում է Նեղոսի ջրերի վարարումը. եգիպտացիները արևադարձը պետք է դիտեին առանձին ուշադրությամբ... Նրանց համար կարևոր էր տարվա այդ շրջանը որոշել, որպեսզի կարգավորեին իրենց գյուղատնտեսական միջոցառումները։ Այդ պատճառով էլ նրանք պետք է երկնքում որոնեին այն նշանը, որը ցույց էր տալիս այդ շրջանի վերադարձը» (Cuvier: «Discours sur les révolutions du globe». հրատ. Hoefer. Paris 1863, էջ 141)։
  6. Հնդկաստանի՝ իրար հետ չկապված արտադրական մանր օրգանիզմների վրա տարածվող պետական իշխանության նյութական հիմքերից մեկը ջրամատակարարման կարգավորումն էր։ Հնդկաստանի մահմեդական իշխողներն այդ ավելի լավ էին հասկանում, քան նրանց անգլիացի հաջորդները։ Հիշեցնենք միայն 1866 թվականի սովը, որ Բենգալիայի պրեզիդենտության Օրիսսայի օկրուգում մեկ միլիոնից ավելի հնդիկի կյանք նստեց։
  7. «Չկա երկու երկիր, որոնք գոյության միջոցների միևնույն քանակը տային միանման առատությամբ ու աշխատանքի միևնույն ծախսումով... մարդկանց կարիքները աճում կամ պակասում են... այն կլիմայի դաժանության կամ բարեխառնության պատճառով, որի մեջ նրանք ապրում են, հետևաբար, այն չափերը, որոնցով զանազան երկրների բնակիչներն ստիպված են իրենց արդյունաբերությունը վարել, չեն կարող միանման լինել, և հիշյալ չափերի փոփոխման աստիճանը որոշելը այլ կերպ հնարավոր չէ, բացի տաքության ու ցրտի աստիճանների հետ կապելուց. այստեղ կարող է հանվել այն ընդհանուր եզրակացությունը, թե աշխատանքի այն քանակը, որ անհրաժեշտ է որոշ թվով բնակչության գոյությունը պահպանելու համար, ամենից շատ է ցուրտ երկրում, ամենից քիչ է տաք երկրում, որովհետև առաջին դեպքում ո՛չ միայն մարդիկ հագուստի ավելի շատ կարիք ունեն, այլև հողն ավելի կարիք ունի մշակվելու, քան երկրորդ դեպքում» («An Essay on the Governing Causes of the Natural Rate of Interest». London 1750, էջ 59)։ Դարագլուխ կազմող այս անանուն գրվածքի հեղինակը Ջ. Մեսսին է։ Յումը նրանից է վերցրել տոկոսի իր թեորիան։
  8. «Ամեն մի աշխատանք (թվում է, թե այս էլ է վերաբերում քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին) պետք է ավելցուկ թողնի» (Պրուդոն)։
  9. F. Shouw: «Die Erde, die Pflanzen und der Mensch», 2-րդ հրատ., Leipzig 1854, էջ 148։
    * Մարքսի 1878 թ. 28/XI նամակում Ն. Ֆ. Դանիելսոնին (Ն.—ոն-ին) արած ցուցումի հիման վրա այս պարբերության սկիզբը պետք է ուղղել հետևյալ ձևով, «Այնուհետև գալիս է մի փայլուն նմուշ, թե ինչպես է Միլլը վարվում հասարակական արտադրության պատմական տարբեր ձևերի հետ. «Ես ենթադրում եմ ամեն տեղ,— ասում է նա,— իրերի արդի դրությունը, որը, սակավ բացառություններով, իշխում է ամենուրեք, որտեղ բանվորներն ու կապիտալիստներն առանձին դասակարգեր են կազմում»։ Միլլն ուզում է հավատալ, թե «բացարձակ անհրաժեշտություն չկա, որ այդ այդպես լինի, նույնիսկ այնպիսի տնտեսական սիստեմի ժամանակ, որտեղ բանվորները և կապիտալիստները առանձին դասակարգեր են կազմում»։ Հմմտ. Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XXVII, էջ 18, ռուս. հրատ,։ Խմբ.։
    9a J. St. Mill: «Principles of Political Economy». London 1868, էջ 252, 253, զանազան տեղերում։ [Հմմտ. Дж. Милль: «Основания политической экономии». Ռուս, թարգ. խմբ. Չերնիշևսկու, 1909 թ., գիրք II, գլ. 14, էջ 395։] {Մեջ բերված հատվածները վերցված են «Կապիտալ»-ի ֆրանսերեն հրատարակությունից։— Ֆ. Է.}
    9b 281-րդ էջում [այս հատորի 334—335 էջերում] քննարկված դեպքը, բնականաբար, նույնպես բացառված է այստեղ։ {3-րդ հրատ. ծանոթագրություն.— Ֆ. Է.}
  10. Այդ երրորդ օրենքի վրա Մակ Կուլլոխը, ի միջի այլոց, այն անհեթեթ հավելումն է անում, թե հավելյալ արժեքը կարող է բարձրանալ նաև առանց աշխատուժի արժեքի իջեցման, եթե ոչնչացվում են այն հարկերը, որ կապիտալիստն առաջ վճարում էր։ Այդպիսի հարկերի ոչնչացումը բացարձակապես ոչինչ չի փոխում հավելյալ արժեքի այն քանակի որ արդյունաբերական կապիտալիստը անմիջաբար դուրս է ծծում բանվորից։ Այդ փոփոխում է միայն այն համամասնությունը, որով կապիտալիստը պետք է հավելյալ արժեքը բաշխի իր գրպանի և երրորդ անձերի միջև։ Այսպիսով, հարկերի ոչնչացումը բոլորովին անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքի և հավելյալ արժեքի միջև եղած հարաբերությունը։ Հետևաբար, Մակ Կուլլոխի բացառությունը լոկ այն է ապացուցում, որ նա չի հասկացել ընդհանուր կանոնը,— մի դժբախտություն, որ նրան նույնքան հաճախ է պատահում Ռիկարդոյին գռեհկացնելիս, որքան Ժ. Բ. Սեյին՝ Ա. Սմիթին գռեհկացնելիս։
  11. Երբ փոփոխություն է տեղի ունենում արդյունաբերության արտադրողականության մեջ, և աշխատանքի ու կապիտալի տվյալ քանակը ավելի շատ կամ ավելի քիչ արդյունք է արտադրում, աշխատավարձի հարաբերական մեծությունը կարող է զգալի չափով փոխվել, մինչդեռ արդյունքների այն քանակը, որ այդ հարաբերական մեծությունն է ներկայացնում. նույնն է մնում, կամ կարող է փոխվել արդյունքների քանակը, մինչդեռ հարաբերական մեծություն անփոփոխ է մնում («Outlines of Poltical Economy etc.». London 1832, էջ 67)։
  12. «Մյուս հավասար պայմաններում անգլիական գործարանատերը կարող է տվյալ ժամանակամիջոցում շատ ավելի մեծ քանակությամբ արդյունք ստանալ, քան օտարերկրյա գործարանատերը, և այս հանգամանքի շնորհիվ հավասարակշռվում է տարբերությունը մեր 60-ժամյա աշխատանքային շաբաթվա և արտասահմանի 72 կամ 80-ժամյա շաբաթվա միջև»։ («Reports of Insp. of Fact. for 31st October 1855», էջ 65)։ Մայր-ցամաքային գործարաններում աշխատանքային օրվա ավելի կամ պակաս օրենսդրական զգալի կրճատումը ամենաիրական միջոցը կլիներ՝ պակասեցնելու համար այդ տարբերությունը մայր-ցամաքային և «անգլիական աշխատանքային ժամի միջև։
  13. «Կան փոխհատուցող հանգամանքներ... ինչպես այդ երևան հանեց Ten Hours Act-ը [Տասժամյա աշխատանքային օրվա գործարանային օրենքը]» («Reports of Insp. of Fact. for 31stOctober 1848», էջ 7)։
  14. «Աշխատանքի այն քանակը, որ մարդ ծախսում է 24 ժամում, կարող է մոտավորապես որոշվել նրա մարմնի մեջ կատարված քիմիական փոփոխությունները հետազոտելու միջոցով, որովհետև նյութի փոփոխված ձևերը մատնանշում են շարժիչ ուժի նախընթաց ծախսումը» (Grove: «On the Correlation of Physical Forces»)։
  15. «Հացն ու աշխատանքը հազվադեպ միևնույն տեմպերով առաջ ընթանում։ Բայց կա մի ակնհայտ սահման, որից այն կողմը նրանք չեն կարող անջատվել։ Ինչ վերաբերում է այն արտակարգ ջանքերին, որ թանկության ժամանակաշրջանում արել են բանվոր դասակարգերը, թանկության, որն առաջ բերեց աշխատավարձի անկում, հաստատված վկաների (այն է 1814—15 թթ. պառլամենտական կոմիտեների առջև տրված) ցուցմունքներով, ապա այդ ջանքերն, իհարկե, պատիվ են բերում աոանձին անհատներին և նպաստում են կապիտալի աճմանը։ Բայց ոչ մի մարդասեր չի ցանկանա, որ նրանք մնային որպես մշտական երևույթ և չթուլանային։ Նրանք ամեն գովասանքի արժանի են որպես դրությունից դուրս գալու ժամանակավոր միջոց. բայց եթե նրանք դառնային մշտական, ապա կստացվեին հետևանքներ, որոնք տեղի են ունենում, երբ ժողովրդի բազմացումը ուժեղանալով հասնում է այն վերջին սահմաններին, որ թույլ են տայիս նրա գոյության միջոցները» (Maltus: «Inquiry into the Nature and Progress of Rent». London 1815, էջ 48, ծանոթագրություն)։ Մալթուսն այստեղ ընդգծում է աշխատանքային օրվա երկարաձգումը, մի բան, որ նա ուղղակի մատնանշում է իր պամֆլետի մի այլ հատվածում ևս, այնինչ Ռիկարդոն և ուրիշները, չնայած այդ տեսակ աղաղակող փաստերին, իրենց բոլոր հետազոտություններում աշխատանքային օրը դիտում են որպես հաստատուն մեծություն։ Այս, իհարկե, պատիվ է բերում Մալթուսին։ Բայց պահպանողական շահերը, որոնց սպասավորն է Մալթուսը, նրան խանգարում էին տեսնելու, որ աշխատանքային օրվա անչափ երկարացումը, մեքենաների արտակարգ զարգացման և կանանց ու երեխաների աշխատանքի շահագործման հետ միասին, պետք է բանվոր դասակարգի մի զգալի մասին դարձներ «ավելորդ», մանավանդ երբ դադարեցին պատերազմի ստեղծած պահանջարկը էլ անգլիական մոնոպոլիան համաշխարհային շուկայում։ Ինքնին հասկանալի է, շատ ավելի հարմար և շատ ավելի համապատասխան էր իշխող դասակարգերի շահերին, որոնց զուտ տերտերական եռանդով խնկարկում էր Մալթուսը, այդ «գերբնակչությունը» բացատրել բնության մշտնջենական օրենքներով և ոչ թե բացառապես կապիտալիստական արտագրության պատմական բնական օրենքներով։
  16. «Պատերազմի ընթացքում կապիտալի աճման գլխավոր պատճառն առաջ էր գալիս յուրաքանչյուր հասարակության մեջ ամենից ավելի մեծաթիվ աշխատավոր դասակարգերի մեծ հանքերից ու թերևս է՛լ ավելի մեծ զրկանքներից։ Հանգամանքներն ստիպեցին, որ է՛լ ավելի մեծ քանակությամբ կանայք ու երեխաներ զբաղվեն արդյունաբերական աշխատանքով. և նախկին աշխատողներն էլ հենց նույն պատճառով պետք է իրենց ժամանակի է՛լ ավելի մեծ մասը նվիրեին արտագրության մեծացմանը» («Essays on Political Economy in which are illustrated the Principal Causes of the Present National Distress». London 1830, էջ 248)։
  17. Հմմտ., օրինակ, «Dritter Brief an v. Kirchmann von Rodbertus. Widerlegung der Ricardo’schen Lehre von der Grundrente und Begründung einer neuen Rentetheorie». Berlin 1851 [К. Родбертус: «Экономические сочинения. Социальные письма к фон Кирхману. Письмо третье». Соцэкгиз, 1936 թ,, էջ 226—426]։ Ես հետո կվերադառնամ այս աշխատությանը, որը, չնայած հողային ռենտայի սխալ թեորիային, ճիշտ է կռահում կապիտալիստական արտադրության էությունը։— {3-րդ հրատ. հավելում.— Ընթերցողը տեսնում է, թե Մարքսը որքան բարեհաճ էր վերաբերվում իր նախորդներին, երբ նա մի իսկական առաջընթաց քայլ, մի որևէ ճիշտ նոր միտք էր գտնում նրանց մոտ։ Այնինչ Ռոդբերտուսի՝ Ռուդ. Մայերին ուղղած և վերջերս հրատարակված նամակները ստիպում են որոշ չափով սահմանափակել Մարքսի վերև մեջ բերված գնահատականը։ Այնտեղ մենք կարդում ենք, «Կապիտալը պետք է փրկել ո՛չ միայն աշխատանքից, այլ նաև հենց իրենից, իսկ այս բանը փաստորեն ամենից լավ իրագործվում է նրանով, որ ձեռնարկատեր-կապիտալիստի գործունեությունը դիտվում է որպես ժողովրդատնտեսական կամ պետատնտեսական ֆունկցիաներ, որ նրա վրա է դրել կապիտալիստական սեփականությունը, իսկ նրա եկամուտը որպես ռոճիկի մի հատուկ տեսակ, քանի որ մենք դեռ ուրիշ ոչ մի սոցիալական կազմակերպության ծանոթ չենք։ Բայց ռոճիկները պետք է կարգավորվեն և իջեցվեն, եթե նրանք աշխատավարձի խիստ շատ բաժին են խլում։ Հենց այդ ձևով էլ պետք է ետ մղել Մարքսի կողմից հասարակության դեմ ձեռնարկված գրոհը — ես այսպես կանվանեի նրա գիրքը... Ընդհանրապես Մարքսի գիրքը ոչ այնքան կապիտալին նվիրված մի ուսումնասիրություն է, որքան բանակռիվ կապիտալի արդի ձևի դեմ, որը նա շփոթում է կապիտալի բուն գաղափարի հետ, որտեղից և բխում են նրա բոլոր սխալները» («Briefe etc. von Dr. Rodbertus-Jagetzow, herausgegeben von Dr. Rud. Meyer»- Berlin 1881,I հատ., էջ 111, Ռոդբերտուսի 48-րդ նամակը)։—Իդեոլոգիական այսպիսի ընդհանուր տեղերում իսպառ ցամաքում են Ռոդբերտուսի «Սոցիալական նամակներ»-ի պարունակած խիզախ սաղմերը։— Ֆ. Է.}
  18. Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ հաշվարկման ժամանակ հանված է արդյունքների այն մասը, որը փոխհատուցում է միայն հաստատուն կապիտալի ծախսումները։ — Պ-ն Լ. դը Լավեռնը, Անգլիայի կույր երկրպագուն, ավելի շուտ նվազեցնում, քան չափազանցում է այդ հարաբերությունը։
  19. Որովհետև արտադրության կապիտալիստական պրոցեսի բոլոր զարգացած ձևերը կոոպերացիայի ձևեր են, ապա, իհարկե, չկա ավելի հեշտ բան, քան վերանալ նրանց հատուկ անտագոնիստական բնույթից և այդ ձևերը նկարագրել իբրև ազատ ասոցիացիայի ձևեր։ Այդպես է արել, օրին., կոմս Ա. դը Լաբորդը իր հետևյալ աշխատության մեջ. «De l’Esprit d’Association dans tous les Intérêts de la Communauté». Paris 1818։ Յանկի Հ. Քերին երբեմն այդ ֆոկուսը նույնպիսի հաջողությամբ կիրառում է նույնիսկ ստրկատիրական սիստեմի հարաբերությունների նկատմամբ։
  20. Թեև ֆիզիոկրատները չհայտնաբերեցին հավելյալ արժեքի գաղտնիքը, սակայն, համենայն դեպս, նրանք արդեն ըմբռնում էին, որ հավելյալ արժեքն «անկախ և սեփականատիրոջ ազատ տրամադրության տակ գտնվող հարստություն է, որը նա չի գնել, բայց որը նա վաճառում է» (Turgot: «Réflexions sur ia Formation et la Distribution des Richesses», էջ 11)։