Օլիվեր Թվիստի արկածները

Գրապահարան-ից
Օլիվեր Թվիստի արկածները

հեղինակ՝ Չարլզ Դիքենս
թարգմանիչ՝ Արտա Բազարյան (անգլերենից)
աղբյուր՝ [[ ]]


Առաջին գլուխ

Տեղեկություններ Օլիվեր Թվիստի ծննդավայրի և նրա ծննդյան հետ կապված հանգամանքների մասին։


Ինչ֊վոր քաղաքում, որի անունը մի շարք պատճառներով խոհեմություն կլիներ չհիշատակել, և որը ես չեմ կոչելու որևէ մտացածին անունով, հասարակական այլ շենքերի թվում կար մի շենք, որ սովորաբար լինում է մեծ կամ փոքր հին քաղաքներում։ Դա մի գործատուն էր աղքատների համար։ Եվ այդ աղքատանոցում ծնվեց (հարկ չեմ համարում նեղություն կրել օրը և թվականը հիշելու, մանավանդ, որ դա ոչ մի արժեք չի կարող ներկայացնել ընթերցողի համար, գոնե այժմ, գործողությունների այս կանխահաս վիճակում) այն մահկանացուն, որի անունը նախատեսված է սույն գրքի վերնագրում։

Երբ մանուկը, ծխական բժշկի օգնությամբ, մուտք գործեց վշտի ու ցավերի այս աշխարհը, երկար ժամանակ բավականին կասկածելի էր թվում, թե արդյոք նա կապրե՞ր այնքան, որ կարողանար որևէ անուն կրել։ Եթե չապրեր, ավելի քան հավանական է, որ այս հուշագրությունները երբեք լույս չտեսնեին, կամ լույս տեսնելու դեպքում էլ, գրավելով մի քանի էջ, ամենահակիրճ ու ճշմարտացի կենսագրության նմուշը լինելու անգնահատելի արժեքը կունենային։ Շատ արտասովոր երևույթ, որևէ դարի կամ երկրի գրականության մեջ։

Թեև մտադիր չեմ հավաստիացնելու, որ աղքատանոցում ծնվելը ինքնին շատ բախտավոր ու նախանձելի երևույթ է մարդկային որևէ էակի համար, բայց և այնպես պնդում եմ, որ տվյալ առանձնահատուկ պարագայում դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել Օլիվեր Թվիստի հետ։ Փաստն այն է, որ բավականին դժվար եղավ Օլիվերին պարտադրել իր շնչառության հոգսը վերցնելու պարտականությունը, տաղկտկալի մի վարժություն, որը, այնուամենայնիվ, սովորությունը անհրաժեշտ է դարձրել մեր հեշտագին գոյության համար։ Եվ այսպես, միաժամանակ, նա շնչասպառ պառկեց բրդյա փոքրիկ և կոշտ ներքնակի վրա, անհամաչափ տատանվելով այս և մյուս աշխարհի միջև, հավասարակշռության նժարը հաստատապես թեքելով դեպի վերջինը։ Անշուշտ այդ կարճ միջոցի ընթացքում, եթե Օլիվերը շրջապատված լիներ հոգատար տատիկներով, տագնապած մորաքույրներով, փորձառու դայակներով և հմուտ բժիշկներով, անկասկած և անխուսափելիորեն, իսկույն կմահանար։ Բայց, քանի որ նրա մոտ ոչ ոք չկար բացի մի աղքատ պառավից, որի աչքերը գարեջրի անսովոր քանակից մշուշվել էին, և նման գործերը միայն պայմանագրով կատարող ծխական բժշկից, Օլիվերն ու Բնությունը իրենց միջև պայքարեցին այդ հարցի լուծման համար։ Եվ արդյունքը եղավ այն, որ որոշ ճիգ գործադրելուց հետո Օլիվերը շնչեց, փռշտաց, ու մինչդեռ երեք և քառորդ րոպե առաջ զրկված էր ճչալու շնորհից, այժմ արական սեռի երեխային հատուկ զիլ ձայնով բարձր ճչաց և դրանով ավետեց աղքատանոցի բնակիչներին, թե մի նոր բեռ է ավելանում իրենց ծխի վրա։

Երբ Օլիվերը այսպես կյանքի առաջին նշույլները ցույց տվեց, կարկատած ծածկոցը, որ անփութորեն գցված էր երկաթյա մահճակալին, խշշաց, կանացի ջահել ու դժգույն մի դեմք կիսով չափ բարձրացավ բարձից, և նվաղոտ մի ձայն շշնջաց․ «Թողեք տեսնեմ երեխային և մեռնեմ»։

Բժիշկը ձեռքերը կրակին դեմ արած տաքանում էր։ Երբ դեռատի կինը խոսեց, սա տեղից վեր կացավ, մոտեցավ սնարին և ավելի քնքուշ ձայնով, քան կարելի էր սպասել ասաց․

― Ձեզ համար դեռ վաղ է մահվան մասին խոսելը։

― Աստվա՛ծ ոչ անի ― վրա բերեց հիվանդապահ պառավը, գրպանի մեջ թաքցնելով ինչ֊որ կանաչ շիշ, որի պարունակությունը քիչ առաջ նա մեծ բավականությամբ գաղտագողի ըմբոշխնում էր մի անկյունում։ ― Աստվա՛ծ ոչ անի, ո՛չ։ Եթե նա էլ ինձ նման կյանքի դառնությունները ճաշակած լիներ, եթե նա էլ ունեցած լիներ տասներեք երեխա, որոնցից այժմ միայն երկուսը ողջ մնացած լինեին, և եթե նա էլ այդ որբացած երկու երեխաներով ապաստանած լիներ այս խճալի վայրում, անշուշտ այլ կերպ կմոտենար հարցին։ Մտածի՛ր, սիրելիս, թե ինչ է նշանակում մայր լինել, մտածի՛ր գառնուկս, մտածի՛ր։

Սակայն, ըստ երևույթին, մայրական զգացմունքների կոչ անող այս խրախուսիչ ակնարկությունները սպասված արդյունքը չտվեցին։ Հիվանդը գլուխը տարուբերեց և ձեռքը երկարեց դեպի երեխան։

Բժիշկը նորածնին դրեց մոր գիրկը։ Նա իր սառը, դալկացած շուրթերը ուժգնորեն դրոշմեց մանկան ճակատին, ձեռքերը թեթևորեն սահեցրեց իր դեմքի վրայով, վայրագորեն դիտեց շուրջը․ սարսռաց, ապա մեջքի վրա ընկնելով մահացավ։ Բժիշկն ու հիվանդապահ պառավը շփեցին նրա կուրծը, ձեռքերը, քունքերը, բայց արյունը անդմիշտ սառել էր նրա երակներում։ Նրանք խոսեցին հույսի և սփոփանքի մասին։ Ավա՜ղ, վաղուց մոռացված զգացումներ մեռնողի համար։

― Ամեն ինչ վերջացավ, միսիս Թինգամի, ― ասաց բժիշկը վերջապես։

― Այո, ամե՜ն ինչ վերջացավ, ― ասաց պառավը, բարձի վրայից վերցնելով կանաչ շշի խցանը, որ ընկել էր երեխան գրկելիս։ ― Դժբա՜խտ աղջիկ։

― Շատ հավանական է, որ այս երեխան մեր գլխին փորձանք դառնա։ Բայց լաց լինելու դեպքում կարիք չկա ինձ անհանգստացնել, կարող ես մի քիչ խաշիշ տալ, ― ասաց բժիշկը, խոր մտածմունքի մեջ ձեռնոցները մատներին հագցնելով։ Ապա, նախքան մեկնելը, անկողնու մոտ մի րոպե կանգ առավ, գլխարկը դրեց գլխին և ավելացրեց․ ― Ինքա՜ն էլ դուրեկան աղջիկ է։ Որտեղի՞ց էր եկել։

― Երեկ գիշեր վերակացուի կարգադրությամբ բերեցին այստեղ, ― պատասխանեց պառավը․ ― նրան գտել էին փողոցում պառկած։ Բավականին ժամանակ քայլած պետք է լինի, քանի որ կոշիկները շատ էին մաշված, բայց ոչ ոք չգիտե, թե ո՛րտեղից էր գալիս և ո՛ւր էր գնում։

Վիրաբույժը կռացավ դիակի վրա և վերցրեց ձախ ձեռքը։

― Նույն հին պատմությունը, ― ասաց նա գլուխը թափահարելով․ ― Ամուսնական մատանի չունի։ Օ՜, բարի գիշեր։

Բժիշկը գնաց ճաշելու, իսկ հիվանդապահ֊քույրը մի անգամ էլ կանաչ շշին դիմելուց հետո, նստեց բուխարիկի մոտ դրված ցածր աթոռին և սկսեց երեխային հագցնել։

Արտաքին երևույթների հմայքը հաստատող ինչպիսի հատկանշական օրինակ էր փոքրիկ Օլիվեր Թվիստը։ Փաթաթված մի վերմակի մեջ, որը մինչև այժմ նրա միակ ծածկոցն էր կազմում, նա կարող էր համարվել և՛ ազնվականի, և՛ մուրացկանի երեխա։ Անգամ ամենալրջախոհ մարդը դժվար թե կարողանար որոշել նրա իսկական տեղը հասարակության մեջ։ Բայց այժմ, երբ խանձարուրվեց հնամաշ բամբակե լաթերի մեջ, որ նույնանման գործածությամբ գունատվել ու գորշացել էին, և թվագրվելով արձանագրվեց աղքատանոցի մատյանում, նա իսկույն գտավ իրեն վիճակված տեղը։ Ավա՜խ, նա այդ իսկ րոպեից մի ծխական երեխա էր, աղքատների մի անտեր որբուք, սովահարության մատնված թշվառ մի արարած, բոլորի հալածանքին և արհամարհանքին ենթակա ողորմելի մի ստրուկ, անարգված բոլորից և անտեսված աշխարհից։

Օլիվերը ուժգին ճչում էր։ Գուցե նա ավելի ուժգին ճչար, եթե կարողանար հասկանալ, որ ինքը եկեղեցականների և խնամակալների քմահաճ շնորհին թողնված մի անօգնական որբուկ էր։