Փոքրիկ Իշխանը
հեղինակ՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերի |
- ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ՝ այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ՝
- ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
- Երբ նա փոքրիկ տղա էր
I
Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:
Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:
Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:
Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:
– Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք:
Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը
Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:
Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:
Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:
II
Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում: Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչոր բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղևոր, և ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր: Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ:
Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս՝ հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես: Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչոր մեկի բարակ ձայնը:
– Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ...
– Ի՜նչ...
– Ինձ համար մի գառնուկ նկարիր...
Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի: Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ:
Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել: Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար: Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չի գա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի:
Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երևույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երևում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու սովից մեռնում է: Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի.
– Բայց... Ի՞նչ ես անում դու այստեղ:
Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց.
– Խնդրում եմ... գառնուկ նկարիր...
Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ՝ անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ գրպանիցս հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս: Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել և ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց.
– Միևնույն է, մի գառնուկ նկարիր...
Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը՝ վիշապօձը դրսի կողմից, և շատ զարմացա, երբ տղան բացականչեց.
– Ոչ, ոչ... ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր...
Եվ ես նկարեցի:
Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց.
– Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր...
Եվ ես նկարեցի:
Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց:
– Չէ՞ որ դու էլ ես տեսնում, –
ասաց նա, – որ սա գառնուկ չէ: Սա
մեծ խոյ է, կոտոշներ ունի...
Ես նորից նկարեցի, բայց նա այդ
նկարից էլ հրաժարվեց:
– Սա էլ արդեն պառավ ոչխար է: Ինձ
այնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի:
Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը և ահա թե ինչ խզմզեցի: Եվ ասացի տղային.
– Ահա քեզ մի արկղ: Մեջը մի
այնպիսի գառնուկ է նստած,
ինչպիսին դու ուզում ես:
Որքան ես զարմացա, երբ իմ
խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ.
– Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք:
– Ինչո՞ւ ես հարցնում...
– Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է...
– Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս:
– Այնքան էլ փոքր չէ...– գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա:– Տե՛ս, տե՛ս, քնել է…
Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:
III
Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որևէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ: Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միևնույն է, բան դուրս չի գա), հարցրեց.
– Սա ի՞նչ բան է:
– Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է:
Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց.
– Ինչպե՞ս, դու երկնքի՞ց ես ընկել:
– Այո՛,– համեստորեն պատասխանեցի ես:
– Այ թե հետաքրքի՜ր է…
Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
– Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից:
«Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,– մտածեցի ես և ուղղակի հարցրի.
– Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել...
Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով՝ նա գլուխը կամաց օրորեց.
– Դու սրանով հեռվից գալ չէիր կարող...
Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը:
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից:
Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ:
– Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը և ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը:
Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց.
– Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի:
– Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ:
Փոքրիկ իշխանը մռայլվեց:
– Կապե՞մ... ինչի՞ համար...
– Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու և կորչել:
Այստեղ իմ բարեկամը նորից ուրախ ծիծաղեց:
– Ո՞ւր կարող է նա գնալ:
– Քի՞չ տեղ կա գնալու: Կգնա ուղիղ, ինչքան աչքը կտրի:
Փոքրիկ իշխանը լրջորեն ասաց.
– Դա սարսափելի չէ, ինձ մոտ տեղը շատ փոքր է:
Եվ թախծոտ ավելացրեց.
– Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…
IV
Եվ այսպես, ես էլի մի կարևոր գյուտ արեցի: Նրա հայրենի մոլորակն ընդամենը մի տան չափ է եղել…
Ասենք, դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես գիտեի, որ մեր Երկրի, Յուպիտերի, Մարսի և Վեներայի նման մեծ մոլորակներից բացի հարյուրավոր այլ մոլորակներ գոյություն ունեն, դրանց թվում այնքան փոքրիկները, որոնց նույնիսկ աստղադիտակով դժվար է նկատելը: Երբ աստղագետը նման մի մոլորակ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար:Օրինակ՝ № 251:
Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանը եկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ № 612: Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ՝ 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ:
Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին և իայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին: Դե ի՞նչ կարող ես անել, մեծահասակներն այդպես են:
№ 612 մոլորակի բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել: 1920 թվականին այդ աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին: Այս անգամ նա հագել էր ամենավերջին նորաձևության համապատասխան, և բոլորը նրա հետ համաձայնեցին:
№ 612 մոլորակի մասին ես ձեզ այսպես մանրամասն պատմեցի և նույնիսկ համարն ասացի միայն մեծահասակների պատճառով: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես
տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:
Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք, այսինքն՝ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզենայի սկսել այսպես.
«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ...»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:
Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
Ահա մեկ էլ դրա համար էր, որ ես ներկատուփ ու գունավոր մատիտներ գնեցի: Իմ հասակում այնքան էլ հեշտ բան չէ նորից նկարչությամբ զբաղվելը, մանավանդ որ իմ ամբողջ կյանքում ես միայն վիշապօձ եմ նկարել՝ ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում:
Ինչ խոսք, ես կաշխատեմ, որքան հնարավոր է, նմանությունը լավ տալ, բայց այնքան էլ վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Մի դիմանկարը նման է դուրս գալիս, իսկ մյուսը՝ բոլորովին նման չի լինում: Ես հասակի մեջ էլ եմ սխալվում: Մի նկարում իշխանը չափազանց բարձրահասակ է ստացվել, իսկ մյուսում՝ չափազանց փոքր: Եվ ես լավ չեմ հիշում, թե ինչ գույն ունեին նրա հագուստները: Ես փորձում եմ նկարել ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես, ինչպես որ պատահի, մի կերպ: Վերջապես կարող եմ սխալվել ինչ-որ կարևոր մանրուքների մեջ, բայց դուք ներողամիտ կլինեք: Իմ բարեկամը ինձ երբեք և ոչինչ չէր բացատրում: Գուցե նա մտածում էր, թե ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը: Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատկերի միջով գառնուկ տեսնել: Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ:
V
Ամեն օր ես մի նոր բան էի իմանում նրա մոլորակի մասին և այն մասին, թե նա ինչպես էր թողել իր մոլորակն ու սկսել թափառումները: Նա այդ մասին քիչ-քիչ էր պատմում, երբ խոսք էր ընկնում: Այդպես ես երրորդն օրն իմացա բաոբաբների ողբերգության մասին:
Դա էլ գառնուկի պատճառով ստացվեց: Փոքրիկ իշխանին կարծես թե հանգիստ չէին տալիս կասկածները, և նա հարցրեց:
– Ասա, ճի՞շտ է, որ գառնուկները թփեր են ուտում:
– Այո՛, դա ճիշտ է:
– Ա՜յ, դա լավ է...
Ես չհասկացա, թե ինչու է այդքան կարևոր, որ գառնուկները թփեր ուտեն:
– Ուրեմն նրանք բաոբաբնե՞ր էլ են ուտում:
Ես առարկեցի՝ ասելով, որ բաոբաբները թփեր չեն, այլ հսկայական ծառեր՝ զանգակատան բարձրության, և եթե նա փղերի մի ամբողջ նախիր բերի, էլի բաոբաբ ուտել չեն կարողանա:
Փղերի մասին լսելով՝ Փոքրիկ իշխանը ծիծաղեց:
– Նրանց ստիպված իրար վրա պիտի դնեին...
Իսկ հետո խելամտորեն ավելացրեց.
–Բաոբաբները մինչև մեծանալը փոքր են լինում:
–Դա ճիշտ է: Բայց ինչի՞դ է պետք, որ քո գառնուկը փոքրիկ բաոբաբ ուտի:
–Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել, – բացականչեց նա այնպես, կարծես թե խոսքը գնում էր շատ պարզ ճշմարտության մասին: Եվ ես բավական երկար ցավացրի, մինչև հասկացա բանի էությունը:
Փոքրիկ իշխանի մոլորակի վրա, ինչպես մնացած բոլոր մոլորակների վրա, աճում են և՛ օգտակար, և՛ վնասակար խոտեր: Այդ նշանակում է, որ այնտեղ կան լավ ու օգտակար խոտերի լավ սերմեր և գեշ խոտերի, այսինքն՝ մոլախոտերի վատ սերմեր: Բայց չէ՞ որ սերմերն անտեսանելի են: Նրանք քնում են խորը գետնի տակ այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկնումեկի գլխին փչի արթնանալ: Այդ ժամանակ նա ծիլ է արձակում, որը սկզբում շատ սիրուն ու անվնաս է երևում, իսկ հետո մեջքն ուղղելով՝ ձգվում է դեպի արևը: Եթե դա ապագա վարդի թուփ է, թող աճի, ինչքան ուզում է:
Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես: Եվ ահա Փոքրիկ իշխանի մոլորակի վրա կան սարսափելի վնասակար սերմեր...