Դասական ուղղագրութեան կանոններ

Գրապահարան-ից
Դասական Ուղղագրութեան Կանոններ

հեղինակ՝ Ռաֆայէլ Իշխանեան
աղբյուր՝ «Դասական ուղղագրութեան կանոններ»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Ազգային պետականության վերականգման այս շրջանում, երբ վերանայվում են անցյալի սխալները, երբ անհամեմատ լայն կապեր են ստեղծվում Սփյուռքի հետ, երբ ավելի է ընդլայնվում խոսքի ու մամուլի ազատությունը, Հայաստանում այսպես թե այնպես դարձյալ շրջանառության մեջ է մտնում նաև դասական ուղղագրությունը: Վերջինիս իրավունքների վերականգնումն ու վավերացումն, ինչ խոսք, ժամանակի խնդիր է, որը պետք է իր լուծումը գտնի պետական ու գիտական մակարդակներով: Սակայն, քանի որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը, հատկապես դպրոցականները եւ ուսանողությունը, մամուլի և ամենատարբեր գրականության միջոցներով արդեն իսկ լայնորեն հաղորդակցվում են դասական ուղղագրությանը, ուստի հրատարակչությունը անհրաժեշտ համարեց հրապարակ հանել պրոֆ. Ռ. Իշխանյանի կազմած "Դասական ուղղագրության կանոններ" ուսուցարան-գրքույկը՝ նպատակ ունենալով նպաստել դասական ուղղագրությամբ տպագրված և տպագրվող գրականության առավել դյուրին ընկալմանը:

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ուղղագրութիւնը յիշողութիւն է, պէտք է բառերի գրութիւնը յիշել տառ առ տառ: Կան նաեւ ուղղագրական կանոններ, որոնք օգնում են բառապատկերները յիշելու: Ստորեւ բերուած են դասական ուղղագրութեան այն հիմնական կանոնները, որոնք տաբեր են Հայաստանում եւ ԽՍՀՄ-ի հայաբնակ այլ վայրերում այժմ գործող ուղղագրութիւնից: Դասական ուղղագրութիւնը գլխաւորապէս երեք դժուարութիւն ունի. 1) պէտք է յիշել բառասկզբում յ գրուող, բայց հ արտասանուող բառերը (յատուկ, յաջող, յանցանք եւ այլն), 2) պէտք է յիշել բառամիջում է ունեցող բառերը (կէտ, կէս, սէր եւ այլն), 3) պէտք է յիշել բառամիջում օ ունեցող բառերը (կարօտ, աղօթք, մօտ եւ այլն): Այս ձեռնարկում բերուած են այդ երեք խումբ բառերի ցուցակները: Դասական ուղղագրութեան միւս տարրերը աւելի դիւրին են յիշւում: Ձեռնարկում կան կանոնների կրկնութիւններ. մի շարք բառերի գրութեան որեւէ կանոնը յիշելու համար, այն լուսաբանուած է երբեմն երկու, նոյնիսկ երեք անգամ, տարբեր տեսանկիւններից: Պէտք է նկատի ունենալ նաեւ, որ դասական ուղղագրութեանը վերադառնալու խնդիրը հետշի կամ դժուարի հետ չէ, որ առնչուած է: Դասական ուղղագրութիւնը հայ մշակոյթի մի անբաժան հատուածն է, որ մեր ժողովրդից խլուեց 1922 թ.: Ինչպէս որ այժմ ջանում ենք վերականգնել մեր ազգային դպրոցը, հայոց ճշմարիտ պատմութիւնը, հայկական շատ սովորութիւններ, տօներ, ազգային մտածողութիւնն առհասարակ, այդպէս էլ ճիշտ կլինի վերականգնել մեր դարաւոր ազգային ուղղագրոթիւնը: Դասական ուղղագրութեամբ գրելով՝ սկզբնական շրջանում, անշուշտ, որոշ դժուարութիւններ կլինեն, սխալներ կանենք: Բայց դա էական չէ, քանի որ աստիճանաբար վարժուելով՝ սխալները կնուազեն, կվերանան: Դասական ուղղագրութեանն անցնելու դէպքում հնարաւոր կլինի նաեւ նրա կանոններում որոշ բարելաւումներ կատարել:

ՀԱՅԵՐԷՆԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Մեծատառ Փոքրատառ
Ա ա
Բ բ
Գ գ
Դ դ
Ե ե
Զ զ
Է է
Ը ը
Թ թ
Ժ ժ
Ի ի
Լ լ
Խ խ
Ծ ծ
Կ կ
Հ հ
Ձ ձ
Ղ ղ
Ճ ճ
Մ մ
Յ յ
Ն ն
Շ շ
Ո ո
Չ չ
Պ պ
Ջ ջ
Ռ ռ
Ս ս
Վ վ
Տ տ
Ր ր
Ց ց
Ւ ւ
Փ փ
Ք ք
Օ օ
Ֆ ֆ

ւ-ի եւ վ-ի գրութիւնը

Ինչպէս հայոց դասական այբուբենն է ցոյց տալիս, այժմ տարածում գտած այբուբենից դուրս է մնացել Ւ, ւ տառը, փոխարէնը արհեստականօրէն այբուբեն են մտցուել ու, և նշանագրերը, որոնք իրականում երկու տառերի միացութիւններից են կազմուած, ևե, ւ տառերի միացումն է, ու-ն՝ ո, ւ տառերի: Մաշտոցը Ւ, ւ տառը (կոչւում է յիւն կամ վիւն) դրել է ց եւ փ տառերի մէջ: Նոր ուղղագրութեան պաշտպաններն այդ տառը հանել են մաշտոցեան այբուբենից: Դասական ուղղագրութիւնը վերականգնելիս առաջին գործը պէտք է լինի ւ տառը նորից իր տեղը դնելը: Այդ տառի գործածման օրէնքը հետեւեալն է: Բառասկզբում այն երբեք չի գրւում: Բառամիջում եւ բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ վ լսուելիս գրւում է ւ, ինչպէս՝

անձրեւ, աւան, աւարտ, աւել, աւետել, բարեւ, բաւական, բաւարար, բեւեռ, գաւաթ, գաւիթ, գրաւել, Երեւան, եւ, խաւար, կարեւոր, հեւալ, ձեւ, նաեւ, սարկաւագ, Սեւան, տերեւ, եւ այլն։


Արագագրութեան դէպքերում ե-ն միացվում է ւ-ին եւ գոյանում է և կրճատագիրը. այդպէս կարելի է գրել՝

անձրև, բարև, բևեռ, Երևան, և, նաև, Սևան։

Յիշենք, որ ի տառից յետոյ բառերի վերջում, ինչպէս եւ միջում՝ ձայնաւորից առաջ նոյնպէս գրւում է ւ՝ դարձեալ վ-ի արժէքով. օրինակ՝ կռիւ, շիւ, արծիւ, թիւ, անիւ, անթիւ, առթիւ, պատիւ, դիւանագէտ, հիւանդ, ճիւաղ, ջիւան եւ այլն: Բայց միշտ չէ, որ ի տառից յետոյ ւ տառը վ-ի արժէք ունի:


Բաղաձայնից առաջ ի եւ ւ տառերը բոլորովին այլ նշանակութիւն ունեն. նոր ուղղագրութեան յու երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է իւ երկու տառը, ինչպէս՝

ալիւր, արիւն, բարութիւն, բիւր, թերութիւն, իւղ, իւրացնել, իւրաքանչիւր, ծուլութիւն, կորիւն, կրթութիւն, հիւլէ, հիւսել, հիւր, հնչիւն, ճիւղ, սիւն, քաղցրութիւն, եւ այլն։

Հայերէնում է, օ տառերից յետոյ երբեք ւ չի գրւում:

Պէտք է յիշել նաեւ, որ ւ տառը ո-ից յետոյ գոյացնում է ձայնաւոր հնչիւն՝ ու: Վերն ասուեց, որ մեր ու-ն ոչ թե մի տառ է, այլ՝ երկու (ֆրանսերէնում էլ այդ հնչիւնը երկու տառից է բաղկացած՝ ou): Այս պատճառով բառերի մէջ եւ վերջում ո տառից յետոյ լսուող վ-ն գրում ենք հէնց վ-ով եւ ոչ թէ ւ-ով: Օրինակ, կով, գովք բառերը եթէ գրենք ւ-ով, կունենանք կու, գուք, որ բոլորովին այլ կերպ կկարդացուի: Այս պատճառով գրում ենք՝ ծով, կով, հով, սով, բովանդակութիւն, գովք, ժողովուրդ, սովորութիւն, գրքով, աչքով եւ այլն: Պէտք է յիշել նաեւ, որ բարդ ու ածանցաւոր բառերի մէջ եթէ երկրորդ բաղադրիչն այնպիսի բառ է, որ սկզբում ունի վ, այդ վ-ն պահպանում ենք, ինչպէս, օրինակ, պատմավէպ բարդ բառի մէջ երկրորդ բառը վէպ-ն է, ուրեմն վ-ն պահպանում ենք, գահավէժ-ում երկրորդ բառը վէժ-ն է (վիժել), ուրեմն վ-ն պահպանւում է, հրավառ-ի մեջ երկրորդ բառն է վառ, ուրեմն վ-ն պահպանում ենք, կարեվէր-ի մէջ երկրորդ բառն է վէր-ը (վէրք), ուստի վ-ն մնում է, անվաւեր բառի մէջ ան ածանցից յետոյ վաւեր բառն է, սկզբի վ-ն պահպանում ենք, անվերջ բառի մէջ ան-ից յետոյ վերջ բառն է, վ-ն մնում է եւ այլն:

Ու-ն վ-ի արժեքով

Բառերի մէջ ա, ե, է, ի, ո ձայնաւորներից առաջ, բաղաձայնից եւ յ կիսաձայնից յետոյ վ լսուելիս դասական ուղղագրութեամբ ւ կամ վ չի գրւում, այլ նրանց արժէքով գրւում է ու, ինչպէս՝

Դուին,Զուարթ,թուաբանութիւն,լեզուաբան,կալուածք,հազուադէպ,հալուել,հաշուապահ,հարուած,ձուաձեւ,նուազ,նուազել,Նուարդ,նուէր,նուոց,շուայտ,շուար,պատուական,ջարդուածք,ստուեր,սրուել եւ այլն։

Տողադարձի ժամանակ առաջարկւում է ու-ի փոխարէն ւ գրել, ինչպէս թուական — թը–ւական, Դուին — Դը–ւին, բայց սա պարտադիր կանոն չէ:

Ածանցաւոր ու բարդ բառերի մէջ եթէ առաջին բաղադրիչն աւարտւում է ւ-ով, յաջորդ ձայնաւորը դեր չի խաղում, ւ-ն մնում է: Օրինակ, գրում ենք գրաւել, քանի որ սկզբում գրաւ բառն է, ւ-ն մնում է: Կամ՝ հարաւային, նոյնպէս գրում ենք ւ-ով, քանի որ հարաւ բառն է առկայ, նոյնը և՝ ծարաւած, կաւահող, դաւադիր եւ այլն:

Եթէ բառը աւարտւում է ւ կամ վ տառերից մէկով, կրաւորական ձեւի դէպքում այսպիսի տեսք է ընդունում՝ հաշւուել, ներգրւուել, գովուել: Այսինքն՝ հաշիւ+ուել, ներգրաւ+ուել, գով +ուել: Յիշենք նաեւ այսպիսի ձեւեր՝ հրահանգաւորում է, հրահանգաւորուած, հրահանգաւորուեց, վառւում է, վառուած, վառուեց, կանոնաւորում է, կանոնաւորուած, կանոնաւորուեց և այլն:

Կարեւոր է յիշել նաեւ, որ կան ւ տառով կազմուած մասնիկներ՝ -աւոր, -աւէտ (-ւէտ), -աւուն. սրանցով կազմուած բառերի մէջ ւ-ն պահպանւում է, ինչպէս՝ մեծաւոր, ձայնաւոր, յանցաւոր, հոտաւէտ, բուրաւէտ, շիկաւուն և այլն:

Արեւելահայերը վ-ի արժէքով բառամիջում ու-ով գրուող բառերի մէջ ո-ն կրճատում են, թողնում են ւ-ը եւ գրում են ոչ թէ հարուած, այլ՝ հարւած, այդպէս էլ՝ թւաբանութիւն, նւէր, պատւէր, նւալ, սրւել, սւաղել, Նւարդ եւ այլն:

Մինչև 1922 թ. փոփոխութիւնը Հայաստանում ընդունուած էր գրութեան այս ձեւը:

Ու ձայնաւորից առաջ ւ դնելն ընդունուած է, ինչպէս՝ գրւում է, սրւում է, համարւում է, թւում է և այլն:

Այսպիսով, դասական ուղղագրութեամբ վ հնչիւնը արտայայտւում է երեք ձեւով՝ վ, ւ տառերով եւ ու երկտառով՝ ըստ վերը բերուած կանոնների: