Հաղթական կամար - XXVIII գլուխ

Գրապահարան-ից
21:55, 28 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XXVII գլուխ Հաղթական կամար - XXIX գլուխ ▶


Երբ Ռավիկն իջավ ներքև, «Ուելսի Պրինց» հյուրանոցի նախասրահը դատարկ էր։ Դռնապանը սեղանի մոտ նստած, պորտատիվ ընդունիչը միացրել ու լսում էր։ Սրահի անկյուններում մի քանի հավաքարարուհիներ ինչ֊որ բան էին անում։ Ռավիկն արագ և աննկատ անցավ սրահի միջով։ Ելքի մոտ նա աչքը գցեց դռան դեմը գտնվող ժամացույցին։ Առավոտյան ժամը հինգն էր։

Ռավիկը Գեորգ Հինգերորդ ավենյուով բարձրացավ վերև դեպի «Ֆուքե» ռեստորանը։ Բայց այնտեղ ոչ ոքի չհանդիպեց, ռեստորանը վաղուց արդեն փակ էր։ Նա մի րոպե կանգ առավ։ Հետո մի տաքսի վարձեց և մեկնեց դեպի «Շեհերազադե»։

Մորոզովը կանգնած էր դռան առջև։

— Ոչ մի բան չկա,— ասաց Ռավիկը։

— Ես այդպես էլ գիտեի։ Այսօր ուրիշ բան չէր էլ կարելի սպասել:

— Ինչո՞ւ։ Այսօր արդեն ուղիղ տասնչորս օր է։

— Այդպիսի գործերում չի կարելի ամեն ինչ այդքան ստույգ հաշվել։ Դու ամբողջ ժամանակ «Ուելսի Պրինց» հյուրանոցո՞ւմ էիր։

— Այո, առավոտից մինչև հիմա։

— Նա վաղը քեզ կզանգահարի,— ասաց Մորոզովը։— Գուցե այսօր զբաղված է եղել։ Կամ գուցե մի օր ուշ է դուրս եկել Բեռլինից։

— Վաղն առավոտյան ես վիրահատություն ունեմ։

— Այդքան շուտ նա չի զանգի։

Ռավիկը ոչինչ չասաց։ Մոտեցավ և կանգ առավ մի տաքսի, որի միջից դուրս եկան սպիտակ սմոկինգով մի վարձու պարող և մեծ֊մեծ ատամներով մի գունատ կին։ Մորոզովը նրանց առաջ բացեց գուռը։ Ամբողջ փողոցը հանկարծ լցվեց «Շանել» դուխու բուրմունքով։ Կինը թեթևակի կաղում էր։ Վարձու պարողը վճարելով տաքսու վարորդին, ծուլորեն քարշ եկավ նրա հետևից, որը դռան մատ սպասում էր իր պարընկերոջը։ Լապտերների լույսի տակ կնոջ աչքերը կանաչ գույն էին ստացել։ Իսկ բիբերը փոքրացել էին, դարձել մանրիկ շրջանակներ։

— Կարող ես համոզված լինել, որ այս ժամին նա չի զանգահարի,— ասաց Մորոզովը վերադառնալով։

Ռավիկը չպատասխանեց։

— Եթե դու բանալին ինձ տաս, ես կարող եմ ժամը ութին գալ հյուրանոց, նստել հեռախոսի կողքին մինչև քո վերադառնալը,— առաջարկեց Մորոզովը։

— Բա ե՞րբ ես քնելու։

— Դա կարևոր չէ։ Եթե քնել ուզենամ, քո անկողնում էլ կարող եմ քնել։ Ես գիտեմ, որ ոչ ոք չի զանգահարելու, բայց կգամ, որպեսզի դու հանգիստ լինես։

— Իմ վիրահատությունը կտևի մինչև ժամը տասնմեկը։

— Հասկանալի է, բանալին տուր ինձ։ Ես չէի ուզի, որ դու հուզմունքից Սան Ժերմեն արվարձանի տիկնոջ ձվարանները կարես ստամոքսին։ Թե չէ նա ինն ամիս հետո երեխա կփսխի։ Բանալին մո՞տդ է։

― Մոտս է։ Ա՛ռ։

Մորոզովը բանալին վերցրեց, դրեց գրպանը։ Հետո հանելով մի տուփ անանուխի հաբեր՝ առաջարկեց Ռավիկին։ Ռավիկը գլուխն օրորեց։ Մորոզովը մի քանի հատ լցրեց ափի մեջ և գցեց բերանը։ Հաբերը իսկույն անհայտացան նրա մորուքի մեջ, ինչպես փոքրիկ, սպիտակ թռչունները անտառում։

— Թարմացնում է, — բացատրեց նա։

— Երբևէ քեզ պատահե՞լ է, որ ամրողջ օրը թավշապատ սենյակում նստես ու սպասես,— հարցրեց նրան Ռավիկը։

— Ինչո՞ւ չէ, նույնիսկ ավելի երկար եմ սպասել։ Իսկ քեզ չի՞ պատահել։

— Ինձ էլ է պատահել։ Բայց ուրիշ բանի եմ սպասել։

— Հետդ կարդալու բան չէի՞ր վերցրել։

— Վերցրել էի, բայց ոչ մի տող չկարողացա կարդալ։ Դեռ ինչքա՞ն պետք է մնաս այստեղ։

Մորոզովը բացեց տաքսու դռնակը։ Մեքենայից դուրս եկան մի քանի ամերիկացիներ, որոնց նա ներս թողեց «Շեհերազադե»։

— Ամենաքիչը դեռ երկու ժամ կմնամ,— ասաց նա, վերադառնալով։— Ինքդ էլ ես տեսնում, թե ինչ է կատարվում։ Քանի տարի է, այսպիսի խելագար ամառ չի եղել։ Ժոանն էլ է ներսում։

— Մի՞թե,

— Այո, այո։ Եվ այն էլ ոչ թե մենակ, եթե դա քեզ հետաքրքրում է։

— Ոչ, դա ինձ չի հետաքրքրում,— ասաց Ռավիկը և շոջվեց գնալու։— Ուրեմն, ես քեզ վաղը կտեսնեմ։

— Ռավիկ,— ձայն տվեց նրա հետևից Մորոզովը, երբ նա բավական արդեն հեռացել էր։

Ռավիկը ետ նայեց։ Մորոզովը գրպանից հանելով նրա տված բանալին, ասաց․

— Բա ինչպե՞ս ես սենյակիդ դուռը բացելու։ Չէ՞ որ վաղը ժամը տասնմեկից շուտ քեզ չեմ տեսնի։ Արի բանալին վերցրու։ Իսկ գնալիս դուռը մի փակիր։

— Ես «Ուելսի Պրինց» հյուրանոցում չեմ քնում,— ասաց Ռավիկը, վերցնելով Մորոզովից բանալին։— «Ինտերնացիոնալում» եմ լինում։ «Ուելսի Պրինց» հյուրանոցում աշխատում եմ որքան կարելի է քիչ երևալ։

— Դա ճիշտ ես անում, բայց չէ՞ որ դու այնտեղ գոնե պետք է քնես։ Թե չէ ինչպե՞ս կարելի է մի հյուրանոցում սենյակ վարձել ու նույնիսկ չգիշերել այնտեղ։ Դա վտանգավոր բան է։ Հեշտությամբ կարող ես ոստիկանության ուշադրությունը գրավել։

— Դա, իհարկե, ճիշտ է։ Բայց եթե ոստիկանությունը, միևնույն է, հետաքրքրվելու է իմ անձով, ինձ համար ավելի լավ է, եթե ապացուցեմ, որ ես մշտապես ապրել եմ «Ինտերնացիոնալ» հյուրանոցում։ Իսկ «Ուելսի պրինցում» ամեն ինչ արդեն արված է այնպես, ինչպես պետք է — անկողինը խառնշտորել եմ, իսկ լվացարանը, վաննան և սրբիչները այնպիսի տեսք ունեն, որ թվում է, թե առավոտյան են օգտագործվել։

— Շատ լավ։ Որ այդպես է բանալին ետ տուր։

Ռավիկը գլուխն օրորեց։

— Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե քեզ նույնպես այնտեղ ոչ ոք չտեսնի։

— Դա ոչ մի նշանակություն չունի։

― Ունի։ Բորիս։ Արի հիմարություն չանենք։ Քո մորուքը իսկույն աչքի է զարնում։ Բացի դրանից, դու իրավացի ես, ես պետք է այնպես ապրեմ ու պահեմ ինձ, որ երբեք չթվա, թե ինչոր բան է եղել։ Եթէ Հաակեն իսկապես առավոտյան ինձ զանգահարի ու տանը չգտնի, նշանակում է, ճաշից հետո նորից կզանգահարի։ Ես հույսս դրա վրա պետք է դնեմ, եթե այդպես չարի, մի օրում շարքից դուրս կգամ։ Ներվերս չեն դիմանա։

— Իսկ դու հիմա ո՞ւր ես գնում։

— Գնում եմ քնելու։ Ես չեմ կարծում, թե նա այսքան շուտ կարող է զանգել։

— Եթե ուզում ես, ես կարող եմ ավելի ուշ քեզ որևէ տեղ հանդիպել։

— Ոչ, Բորիս։ Մինչև քո այստեղից ազատվելը ես արդեն քնած կլինեմ։ Իսկ ժամը ութին գնալու եմ վիրահատության։

Մորոզովը կասկածանքով նայեց Ռավիկին։

— Լավ։ Այդ դեպքում ես վաղը ճաշից հետո կգամ քեզ մոտ «Ուելսի Պրինց» հյուրանոց։ Եթե մինչ այդ որևէ բան պատահի, զանգահարիր հյուրանոց։

— Լավ։


Փողոցներ։ Քաղաք։ Բոսորագույն երկինք։ Կարմիր, սպիտակ, կապույտ տներ։ Քամի, որ քնքուշ կատվի նման խաղում ու սեղմվում է բիստրոյի անկյուններին։ Մարդիկ, օդ․․․ Ամբողջ օրը Ռավիկն իզուր սպասեց հյուրանոցի հեղձուկ համարում։ Հիմա նա քայլում էր «Շեհերազադեի» հետևում ընկած փողոցի երկարությամբ։ Չուգունե ցանկապատի հետևում ծառերը կանաչի և անտառի մասին վեհերոտ հիշողություններ էին արտաշնչում կապարե գիշերվա խավարի մեջ։ Ռավիկը հանկարծ իրեն սոսկալի հոգնած ու դատարկված զգաց։ Նա ոտքերի վրա հազիվ էր կանգնում։ «Իսկ չի՞ լինի, եթե ես այս ամենը թողնեմ,— ներքին ինչ-որ ձայն համոզում էր նրան,— թողնեմ ամբողջովին, մոռանամ, գցեմ իմ վրայից, ինչպես օձն է գցում իր շապիկը։ Իմ ինչի՞ն է պետք գրեթե մոռացված անցյալի այս ամբողջ մելոդրաման։ Ես ի՞նչ գործ ունեմ այդ մարդու հետ, որը ուրիշի կամքը կատարող փոքր, պատահական կույր գործիք է, հարություն առած խավար միջնադարի աննշան ու չնչին մի կամակատար, Միջին Եվրոպայի վրա կախված արևի խավարում։

Իսկապես, ի՞նչ գորձ ուներ ինքն այդ ամենի հետ։ Մի պոռնկուհի փորձեց նրան հրապուրել դեպի տան մուտքը։ Մուտքի խավարում կանգնած, նա իր շրջազգեստը բացեց։ Շրջազգեստն այնպես էր կարած, որ բավական է գոտին արձակեր, իսկույն խալաթի նման փեշերը բացվում էին։ Մթության մեջ պոռնկուհու գունատ մսերը աղոտ և անհստակ առկայծում էին։ Սև երկար գուլպաներ, սև ցայլք, սև, մութ ակնաբներ, որտեղ աչքերը չէին երևում, լխկած, կարծես քայքայվող մսեր, որոնք թվում էր, ֆոսֆորի նման փայլփլում են։

Մի սուտենյոր, որի բերանի սիգարետը վերին շրթին էր կպել, հենված ծառերից մեկին, սևեռուն հայացքով Ռավիկին էր նայում։ Նրանց մոտով անցան բանջարեղենի մի քանի սայլեր։ Ձիերը քայլում էին տմտմբացնելով գլուխներն ու մաշկի տակ պրկելով ոտքերի հզոր մկանները։ Մաղադանոսի և ծաղկակաղամբի հաճելի բորմունք․․․ ծաղկակաղամբ, որի երկու գլուխները կարծես կանաչ թփերի միջև գտնվող քարացած ուղեղներ լինեին։ Կարմիր պոմիդորներ, գլխած զամբյուղներով կանաչ լոբի, սոխ, նեխուր, բալ։

Ի՞նչ գործ ունի ինքն այս ամենի հետ։ Մեկն ավել, մեկը պակաս, ի՞նչ նշանակություն ունի։ Չէ որ Հաակեն հարյուր հազարավոր մարդասպաններից մեկն է, մարդասպաններ, որոնք կամ նույնքան ստոր են եղել, որքան Հաակեն ինքը, կամ եղել են նույնիսկ ավելի վատթարը։ Մեկով պակաս․․․ Ռավիկը միանգամից տեղում կանգ առավ։ Ահա՜ թե ինչ։ Նրա աչքերը վայրկենապես բացվեցին, գիտակցությունը պայծառացավ։ Ահա՛ թե ինչ։ Նրանք իրենց կապը կտրեցին հենց այն պատճառով, որ մարդիկ հոգնել էին, որ ոչ ոք ոչինչ իմանալ չէր ուզում, որ մարդ ուզում էր ամեն ինչ մոռանալ, որ ամեն մեկն իր համար մտածում էր․ «Ի՛նձ ինչ, թե ինչ են անում»։ Ահա թե բանն ինչումն է։ Մեկով պակա՞ս։ Այո, թող մեկով պակաս լինի։ Ես գիտեմ, դա ոչինչ չի նշանակում, բայց միևնույն ժամանակ նաև դա ամեն ինչ է նշանակում։ Այո, ամեն ինչ։ Նա դանդաղորեն գրպանից մի սիգարետ հանեց և վառեց առանց շտապելու։ Եվ երբ վառած լուցկու դեղնավուն բոցը լուսավորեց նրա իրար սեղմած ձեռքերի ափերը, որոնք նման էին ճաքճքած կիրճերով մթին քարանձավի, հանկարծ զգաց, որ Հաակեին սպանելու մտքից իրեն ոչինչ չի կարող ետ պահել։ Տարօրինակ կերպով այժմ արդեն ամեն ինչ գալիս ու հենց դրան էր հանգում։ Հաակեին սպանելու միտքը ձեռք էր բերել շատ ավելի մեծ նշանակություն, քան անձնական վրեժխնդրությունն է։ Ռավիկին թվում էր, որ եթե ինքը այդ սպանությունը չկատարի, ապա դրանով գործած կլինի անսահման մեծ մի ոճիր, այնպիսի ոճիր, որի հետևանքով աշխարհը մեկընդմիշտ կորցրած կլինի շատ կարևոր մի բան։ Նա միաժամանակ գիտեր, որ դա ամենևին էլ այդպես չէ, բայց, չնայած դրան, հակառակ ամեն տեսակի տրամաբանության, նրա արյան մեջ ներծծվել էր այդ քայլը անպայման կատարեքու մթին գիտակցությունը — կարծես դրանից ալիքների անտեսանելի շրջանակներ են տարածվելու դեպի հեռուն և, անընդհատ լայնանալով, առսջացնելու են ավելի մեծ իրադարձություններ։ Ռավիկը գիտեր, որ Հաակեն ընդամենը սարսափին ծառայող մի փոքրիկ պաշտոնյա է, որ նա ոչինչ իրենից չի ներկայացնում, բայց նա գիտեր նաև, որ Հաակեին սպանելը անսահման կարևոր մի գործ է։

Լույսը Ռավիկի ձեռքերի ափերով ստեղծած քարանձավում հանգավ։ Նա լուցկին շպրտեց։ Ծառերի սաղարթներից կախվեց վաղորդյան աղջամուղջը։ Արծաթյա մի սարդոստայն, որ հենվում էր արթնացող ճնճղուկների պիցցիկատոյի վրա։ Ռավիկը զարմացած նայեց շուրջը։ Նրա մեջ ինչ-որ բան էր կատարվել։ Տեղի էր ունեցել անտեսանելի մի դատ, կայացվել էր դատավճիռ։ Նա բացառիկ հստակությամբ տեսնում էր ծառերը, ինչ֊որ տան դեղին պատեր, երկաթյա գորշ վանդակներ, որոնք իր կողքին էին, փողոցը, որ դեռ պարուրված էր կապույտ մշուշով։ Թվում էր, թե այդ տեսարանը նա երբեք չի մոռանա։ Եվ նա հենց նույն այդ րոպեին վերջնականապես հասկացավ, որ ինքը պետք է սպանի Հաակեին, քանի որ դա այսուհետև ոչ թե իր անձնական փոքրիկ գործն էր, այլ մի գործ, որ շատ ավելի մեծ էր — դա սկիզբ էր։

Ռավիկն անցնում էր «Օզիրիսի» կողքով։ Մի քանի հարբած մարդ օրորվելով դուրս ընկան այնտեղից։ Նրանց աչքերը կարծես ապակուց լինեին, երեսները կարմրած էր։ Մոտակայքում ոչ մի տաքսի չէր երևում։ Նրանք մի քանի րոպե կանգ առան փողոցում, հետո բարձր֊բարձր հայհոյելով ու ծանրորեն դոփելով հեռացան։ Հարբածները խոսում էին գերմաներեն։

Ռավիկն ուզում էր վերադառնալ իր հյուրանոցը։ Բայց հիմա մտադրությունը փոխեց։ Նա չհիշեց, որ մի անգամ Ռոլանդեն իրեն ասել էր, թե վերջին ամիսները հաճախ են իրենց մոտ «Օզիրիսում» գերմանացի տուրիստներ լինում։ Ռավիկը մտավ «Օզիրիս»։

Ռոլանդեն իր սովորական սև շրջազգեստով կանգնած էր բարում և սառը հայացքով զննում էր շուրջը։ Օրկեստրիոնի նվագից խլացուցիչ ձայներ էին ելնում և զարնվում եգիպտական ոճով նկարազարդած պատերին։

— Ռոլանդե՜,— ասաց Ռավիկը։

Ռոլանդեն շրջվեց։

— Ռավի՜կ։ Որտե՞ղ էիր այսքան ժամանակ, չէիր երևում։ Լավ է, որ եկել ես։

— Ինչո՞ւ։

Ռավիկը մոտեցավ նրան և, կողքին կանգնելով, նայեց դահլիճին։ Դահլիճը գրեթե դատարկ էր։ Քնկոտ աչքերով սեղանների մոտ նստած հատ ու կենտ մարդիկ էին մնացել։

— Ես գործերս արդեն վերջացնում եմ այստեղ,— ասաց Ռոլանդեն,— մի շաբաթից հետո մեկնելու եմ։

— Մշտապե՞ս։

Նա գլուխը տմբացրեց և, իր շորի վզի կտրվածքից ձեռքը ներս տանելով, մի հեռագիր հանեց։

— Առ, կարդա։

Ռավիկը կարդաց հեռագիրը և նորից վերադարձրեց Ռոլանդեին։

— Մորաքո՞ւյրդ է արդեն մահացել։

— Այո։ Վերադառնում եմ տուն։ Տիրուհուն արդեն հայտնել եմ։ Նա սոսկալի կատաղել է, բայց մյուս կողմից էլ գիտի, որ ուրիշ ելք չկա, Ինձ փոխարինելու է Ժանետտան։ Նրան եմ ծանոթացնում գործին։— Ռոլանդեն ծիծաղեց։— Խե՜ղճ տիրուհի։ Այս տարի նա ուզում էր Կաննում փայլեր։ Նրա վիլլան արդեն լիքը հյուրեր են։ Չէ որ անցյալ տարի նա կոմսուհի դարձավ։ Ամուսնացավ տուլուզցի ինչ֊որ բուրդը տված մի արիստոկրատի հետ։ Ամիսը հինդ հազար ֆրանկ է վճարում ամուսնուն, միայն թե նա Տուլուզից ոտքը դուրս չդնի․․․ իսկ հիմա ինքը ստիպված է մնալ այստեղ։

— Դու քո սեփական սրճարա՞նն ես բացելու։

— Իհարկե։ Ամբողջ օրը քաղաքում այսուայն կողմ եմ վազում, որպեսզի բոլոր անհրաժեշտ բաները պատվիրեմ։ Փարիզում դրանք ավելի էժան են։ Արդեն կրետոն եմ գնել վարագույրների համար։ Սրանից, գույնը քեզ դո՞ւր է զալիս։

Ռոլանդեն շորի վզի կտրվածքից նորից ձեռքը տարավ ու դուրս բերեց կտորի մի ճմրթված նմուշ։ Դեղին ֆոնի վրա ծաղիկներ։

— Հիանալի է,— ասաց Ռավիկը։

— Գնից յոթանասուն տոկոս էժան եմ առել։ Անցյալ տարվա էժանացրած ապրանքներից է։— Ռոլանդեի ալքերը ջերմությամբ ու քնքշորեն փայլեցին։— Հենց այս վարագույրների վրա ես երեք հարյուր յոթանասուն ֆրանկ տնտեսեցի։ Լա՞վ է։

— Հիանալի է,— ասաց Ռավիկը։— Հիմա դու ամուսնանալո՞ւ ես։

— Բա ո՞նց։

— Ինչո՞ւ ես այդպես շտապում։ Ավելի լավ չէ՞ր լինի, եթե մի քիչ սպասեիր, գործերդ կարգի գցեիր, ինչպես նպատակադրվել ես, նոր ամուսնանայիր։

Ռոլանդեն ծիծաղեց։

— Դու մեր գործր չգիտես, Ռավիկ։ Առանց տղամարդու բան չի լինի։ Գործի մեջ պետք է անպայման տղամարդ լինի, ես գիտեմ, ինչ եմ անում։

Ռոլանդեն կանգնել էր հաստատ, հանգիստ և վստահ իր ուժերի վրա։ Նա ամեն ինչ ծանր ու թեթև էր արել արդեն։ Գործի մեջ պետք է անպայման տղամարդ լինի։

— Մի շտապիր փողերը նրա անունով գցել,— ասաց Ռավիկը։— Սպասիր, թող ամեն ինչ կարգավորվի՝ հետո։

Ռոլանդեն նորից ծիծաղեց։

— Ես արդեն գիտեմ, թե ոնց է լինելու։ Մենք խելացի մարդիկ ենք և գործի համար իրար անհրաժեշտ։ Տղամարդը տղամարդ չի։ եթե փողը կնոջ ձեռքն է տալիս։ Ինձ ջահել, փսլնքոտ տղա չի պետք, այլ խելքը գլխին տղամարդ, որին ես հարգեմ։ Ես տանել չեմ կարող, որ նա րոպեն մի անգամ մոտենա ու փող ուզի։ Մի՞թե դու այդ չես հասկանում։

― Հասկանում եմ,— ասաց Ռավիկը, թեև ամենևին էլ չէր հասկանում։

― Շատ լավ է, որ հասկանում ես։— Նա գոհունակությամբ տմբացրեց գլուխը։— Ուզո՞ւմ ես որևէ բան խմել։

— Ոչ մի բան։ Ես պետք է գնամ։ Այստեղից անցնում էի, մտա։ Վաղն առավոտը շուտ պետք է գնամ աշխատանքի։

Ռոլանդեն նայեց Ռավիկին։

— Դու բոլորովին խմած չես։ Աղջի՞կ ես ուզում։

― Ոչ։

Ռոլանդեն ձեռքի թեթև շարժումով երկու աղջկա կարգադրեց մոտենալ հաճախորդներից մեկին, որը նստարանին նստած քնել էր։ Մյուս աղջիկները այս ու այն կողմ էին շրջում։ Միայն մի քանի աղջիկն եր էին, որ նստել էին սրահի մեջտեղում երկու շարք դրված փափուկ տաբուրետների վրա։ Մյուսները սահում էին միջանցքի ողորկ սալիկներին, ինչպես երեխաները ձմեռ ժամանակ սառույցի վրայով։ Մեկը պպզում էր, իսկ երկուսը Նրա ձեռքերից բռնած, վազում էին երկար միջանցքով ու քարշ տալիս իրենց հետևից։ Նրանց մազերը ծածանվում էին, ցնցվում էին կրծքները, ուսները փայլում էին, մետաքսյա կարճ յուբկաները բարձրանալով, մերկացնում էին նրանց ազդրերը, աղջիկները ծղրտում էին հաճույքից, թվում էր, թե «Օզիրիսը» հանկարծ դարձել է դասական անմեղության մի Արկադիա։

— Ամառ է, ինչ կարող ես անել,— ասաց Ռոլանդեն,— Ուզես֊չուզես առավոտները մի քիչ ազատություն պետք է տաս։— Նա նայեց Ռավիկին։— Հինգշաբթի օրը իմ հրաժեշտի երեկոն է։ Տիրուհին ճաշկերույթ է տալու, կգա՞ս։

— Հինգշաբթի՞։

— Այո։

Հինգշաբթի, մտածեց Ռավիկը։ Յոթ օրից հետո։ Յոթ օր։ Դա ինձ համար յոթ տարի է թվալու։ Հինգշաբթի․․․ Ամեն ինչ արդեն կատարված, վերջացած կլինի։ Հինգշաբթի․․․ Ո՞վ կարող է այդքան հեռու ժամանակի մասին մտածել։

— Այո, իհարկե,— պատասխանեց Ռավիկը։— Կգամ, Որտե՞ղ է լինելու։

— Այստեղ։ Ժամը վեցին։

― Շատ լավ։ Ես այդ ժամին այստեղ կլինեմ։ Բարի գիշեր, Ռոլանդե։

— Բարի գիշեր, Ռավիկ։


Դա կատարվեց ռետրակտորը ներս տանելիս։ Կատարվեց արագ, կարծես Ռավիկին ողողեց տաք, շշմեցնող մի ալիք։ Նա մի վայրկյան տատանվեց։ Հենց նույն այդ րոպեին էր, ինչ ինքը նայում էր կարմիր բաց վերքին, խոնավացած տաք անձեռոցիկներից բարձրացող թափանցիկ գոլորշուն, սեղմիչներ դրած բարալիկ անոթներից հոսող ալ արյանը,— երբ հանկարծ իր առջևում տեսավ Էժենիին, որը հարցական հայացքով իրեն էր նայում, տեսավ Վեբերի դեմքը, պայծառ լույսի տակ երևացող այդ խոշոր դեմքի յուրաքանչյուր ծակոտին, բեղերի յուրաքանչյուր մազը․․․ Ռավիկը տիրապետելով իրեն, շարունակեց իր աշխատանքը։

Նա սկսեց կարել։ Ձեռքերը վարպետորեն գործում էին։ Վերքը աստիճանաբար փակվում էր։ Նա զգում էր, թե ինչպես է առատ քրտինքը թևերի տակից ու ամբողջ մարմնով ցած գլորվում։

— Կարը չէի՞ք վերջացնի,— հարցրեց Ռավիկը Վեբերին։

— Կվերջացնեմ։ Ինչ է, բա՞ն է պատահել։

— Ոչ, ոչինչ չի պատահել։ Շատ շոգ է։ Եվ գիշերը չեմ քնել։

Վեբերը նկատեց էժենիի հայացքը։

— Դա պատահում է, Էժենի,— ասաց Վեբերը։— Նույնիսկ սրբակյացներին է պատահում։

Մի վայրկյան վիրահատական սենյակը օրորվեց աչքերի առաջ։ Սոսկալի մի հոգնածություն էր։ Վեբերը շարունակում էր կարը կարի հետևից դնել։ Ռավիկն ավտոմատ կերպով օգնում էր նրան։ Լեզուն ամբողջովին բերանում ուռել էր։ Քիմքը թվում էր, թե բամբակից է։ Շնչում էր դժվարությամբ, վերին աստիճանի դանդաղ։ Կակաչ, անցավ նրա մտքով։ Ֆլանդրիայի կակաչ։ Բացված կարմիր որովայնի խոռոչ։ Կակաչի բացված կարմիր ծաղիկ, կյանքի անամոթ գաղտնիք — ուղղակի թևի տակ խրած դանակի հարված։ Ուսերից դեպի ձեռքերը գնացող ցնցումներ, ինչ-որ հեռավոր տեղից վրա հասած մահ, որը կարծես տեղի է ունեցել կարճ միացման հետևանքով։ Ես այլևս վիրահատել չեմ կարող, մտածեց Ռավիկը։ Չեմ կարող, քանի դեռ այս ամենը չի անցել։

Վեբերը կարի վրա յոդ քսեց։

— Վերջացավ։

Էժենին իջեցրեց վիրահատվածի ոտքերր և սայլակը դուրս գլորեց։

— Սիգարետ տա՞մ,— հարցրեց Վեբերը։

— Ոչ, չեմ ուզում։ Ես պետք է գնամ։ Գործ ունեմ: Էլ անելու բան չկա՞։

— Ոչ։— Վեբերը զարմացած նայեց Ռավիկին։— Ո՞ւր ես այդպես շտապում։ Չէի՞ք ուզի սոդայաջրով վերմութ կամ որևէ զովացուցիչ բան խմել։

— Ոչ մի բան։ Պետք է գնամ։ Չէի կարծում, թե այսքան ուշ է արդեն։ Կարևոր գործ ունեմ։ Ցտեսություն, Վեբեր։

Ռավիկն արագ դուրս եկավ։ Տաքսի, մտածեց նա։ Շուտ պետք է տաքսի նստել։ Նա մի «սիտրոն» տեսավ և իսկույն կանգնեցրեց։ «Ուելսի Պրինց» հյուրանոցը։ Շո՛ւտ։

Ես պետք է Վեբերին ասեմ, որ մի քանի օր առանց ինձ յոլա գնա, մտածեց Ռավիկը։ Այսպես շարունակվել չի կարող։ Բավական է վիրահատության ժամանակ հանկարծ հիշեմ, որ Հաակեն այդ րոպեին ինձ զանգում է, քիչ է մնում խելքս թռցնեմ։

Ռավիկը վճարեց տաքսու վարորդին և մտավ հյուրանոցի նախասրահը։ Նրան անսահման երկար թվաց մինչև վերելակը տեղ հասավ։ Հետո քայլեց միջանցքի երկարությամբ, բացեց իր սենյակի դուռը և անմիջապես նետվեց դեպի հեռախոսը։ Ռավիկը լսափողը այնպես բարձրացրեց, կարծես ծանր կշռաքար լիներ։

— Սա ֆոն Հորնն է խոսում։ Չէիք ասի, ինձ չե՞ն զանգահարել։

— Մի րոպե, մեսյո։

Ռավիկն սպասում էր։ Նորից լսվեց հեռախոսավարուհու ձայնը։

— Ոչ ոք չի զանգել, մեսյո։

— Շնորհակալ եմ։


Մորոզովը հայտնվեց կեսօրից հետո։

— Դու արդեն ճաշե՞լ ես,— հարցրեց նա։

— Դեռ ոչ։ Ես քեզ էի սպասում։ Կարող ենք հիմա հենց իմ աենյակում ճաշել։

— Դա հիմարություն է։ Իսկույն աչքի կընկնի։ Փարիզում ոչ ոք իր համարում չի ճաշում, եթե հիվանդ չէ։ Դու գնա կեր, արի։ Ես այստեղ կսպասեմ։ Այդ ժամանակամիջոցում, կարծում եմ, ոչ ոք չի զանգահարի։ Հիմա բոլորն են ճաշում։ Դա սրբազան սովորույթ է։ Իսկ եթե հանկարծ զանգահարի, կասեմ, որ ես քո ծառան եմ, կվերցնեմ նրա հեռախոսի համարը և կհայտնեմ, որ դու կես ժամից հետո կվերադառնաս։

Ռավիկը տատանվում էր։

— Լավ,— ասաց նա վերջապես։— Ես քսան րոպեից հետո կվերադառնամ։

— Հանգիստ կեր, վերջացրու։ Առանց այն էլ երկար ես սպասել։ Եվ աշխատիր քիչ ջղայնանալ։ Գնում ես «Ֆուքե՞»։

— Այո։

— «Վուվրե» կվերցնես, երեսունյոթ թվի պատրաստածից։ Ես հենց նոր դրանից էի խմում։ Մի աննմա՜ն բան է։

— Շատ լավ։

Ռավիկը վերելակով ցած իջավ։ Նա արագ-արագ կտրեց փողոցը, անցավ ռեստորանի տերրասով և, մտնելով սրահը, աչքածեց բոլոր անկյունները։ Հաակեն չկար։ Հետո գնաց նստեց Գեորգ Հինգերորդ ավենյուի կողմը գտնվող մայթին դրած սեղաններից մեկի մոտ և պատվիրեց տապակած միս, սալաթ, այծի պանիր և մի գրաֆին «վուվրե»։

Երբ պատվերներն արդեն սեղանին էին, Ռավիկն սկսեց ուտել և ուշադիր զննել շուրջը։ Նա համտեսեց նաև գինին, որը թույլ էր և հաճելի կծպծան։ Ուտում էր դանդաղ, հայացքն անընդհատ այսուայն կողմ հածելով, ժամանակ առ ժամանակ նայելով երկնքին, որ մետաքսյա կապույտ դրոշի նման կախվել էր հաղթական կամարի վրա։ Քիչ հետո նա պատվիրեց նաև սուրճ, վայելեց նրա հաճելի դառնավուն համը, ապա մի սիգարետ վառեց։ Այդպես առանց շտապելու, նա դեռ որոշ ժամանակ նստեց սեղանի մոտ, ծխելով ու զննելով անցուդարձ անողներին։ Այնուհետև տեղից վեր կացավ և, մոռանալով ամեն ինչ, շարժվեց դեպի «Ուելսի Պրինց» հյուրանոցը։

— Հը, «վուվրեն» ո՞նց էր,— հարցրեց Մորոզովը։

— Շատ լավ գինի էր։

Մորոզովը բերեց գրպանի շախմատը։

— Մի պարտիա չխաղա՞նք։

— Խաղանք։

Նրանք ֆիգուրները խրեցին համապատասխան անցքերը։ Մորոզովը նստեց բազկաթոռին, Ռավիկը՝ բազմոցի վրա։

— Ինձ թվում է, որ ինձ այստեղ առանց անձնագրի երեք օրից ավելի ապրել չի հաջողվի,— ասաց Ռավիկը։

— Ինչ է, արդեն պահանջե՞լ են։

— Դեռ չէ։ Նրանք երբեմն այդ անում են հենց գալու ժամանակ։ Այդ հաշվի առնելով, ես գիշերը եկա։ Գիշերային հերթապահը հարցուփորձ չարեց։ Ասացի, որ սենյակը վարձում եմ հինգ օրով։

— Թանկ հյուրանոցներում այդպիսի ճշգրտություններ չկան։

— Բայց եթե նրանք գան և ինձանից անձնագիր պահանջեն, ես շատ ծանր դրության մեջ կընկնեմ։

— Նրանք առայժմ դեռ չեն գա։ Ես այդ մասին տեղեկացել եմ նաև «Գեորգ Հինգերորդ» և «Ռից» հյուրանոցներում։ Դու որպես ամերիկացի՞ ես գրանցվել։

— Ոչ։ Որպես Ուտրեխտից եկած հոլլանդացի։ Ազգանունս լրիվ չի համապատասխանում գերմանականին։ Ես զգուշության համար մի թեթև փոխել եմ, որպեսզի նմանվի հոլլանդականին։ Ֆոն Հհորնի փոխարեն դարձել եմ Վան Հորն։ Հնչում է գրեթե նույն ձևով։ Եթե Հաակեն հարցնի, տարբերությունը նույնիսկ չի էլ զգա։

― Դա ճիշտ է։ Ինձ թվում է, որ ամեն ինչ հաջող կանցնի։ Քո վարձած սենյակը թանկերից է, հազիվ թե քո անձը կասկած առաջացնի։

— Ինձ էլ է թվում։

— Ափսոս, որ ազգանունդ Հորն ես ասել։ Ես մի անբասիր վկայականի տեղ գիտեի, որի ժամկետը դեռ մի ամբողջ տարի ուժի մեջ է։ Դա իմ ընկերներից մեկինն է, որ յոթ ամիս առաջ մահացել է։ Դիակի զննման ժամանակ մենք հայտարարեցինք որ նա անձնագիր չունեցող գերմանացի փախստական է։ Այդպիով մեզ հաջողվեց փրկել նրա անձնագիրը։ Մեռած մարդու համար ոչ մի նշանակություն չունի, որ ինքը ինչ֊որ տեղ թաղված է Յոզեֆ Վայս ազգանունով։ Բայց դրա փոխարեն հետագայում երկու էմիգրանտ նրա անձնագրով էին ապրում։ Նրա անունը Իվան է, ազգանունը՝ Կլուգե։ Ինչպես տեսնում ես, ռուսական չէ։ Լուսանկարը լրիվ գունաթափված է, պրոֆիլով, կնիք չկա վրան։ Հեշտությամբ կարելի է նկարը փոխել։

— Ավելի լավ է թողնել այն ձևով, ինչպես որ կա,— ասաց Ռավիկը։— Եթե ես այստեղից գնամ, այլևս ոչ Հորն ազգանուն կգտնես և ոչ էլ որևէ տեղեկանք։

— Փաստաթղթերով ավելի ապահով կլինես ոստիկանությունից։ Բայց քեզ ասում եմ, որ ոստիկանությունից չեն գա։ Նրանք երբեք չեն գալիս այն հյուրանոցները, որտեղ համարների օրեկան վարձը հարյուր ֆրանկից անցնում է։ Ես գիտեմ մի փախստականի, որն արդեն հինգ տարի է, ինչ առանց փաստաթղթերի ապրում է «Ռից» հյուրանոցում։ Եվ միակ մարդը, որ գիտի այդ մասին, գիշերային դռնապանն է։ Իսկ դու որոշե՞լ ես, թե ինչ պետք է անես, եթե հանկարծ, այնուամենայնիվ, ոստիկանությունից մեր եղբայրները հայտնվեն։

— Իհարկե, իմ անձնագիրը գտնվում է ար ենտինական դեսպանությունում՝ վիզա ստանալու համար։ Կխոստանամ հաջորդ օրը ներկայացնել։ Հետո ճամպրուկս կթողնեմ այնտեղ և այլևս չեմ հայտնվի։ Մի խոսքով, կկարողանամ գլուխս ազատել։ Հարցում անողն սկզբում լինելու է հյուրանոցի ադմինիստրացիան և ոչ թե ոստիկանությունը։ Ես հույսս հենց դրա վրա եմ դրել։ Միայն թե դրանից հետո «Ուելսի Պրինց» հյուրանոցում իմ մնալն արդեն կբացառվի։

— Մի անհանգստանա, ամեն ինչ հաջող կանցնի։

Նրանք շախմատ խաղացին մինչև ութն անց կես։

— Դե հիմա գնա ընթրիր,— ասաց Մորոզովը։— Ես դեռ կսպասեմ այստեղ։ Իսկ հետո կգնամ ուղիղ «Շեհերազադե»։

— Ես ընթրելու եմ այստեղ՝ հյուրանոցի ռեստորանում, բայց ավելի ուշ։

— Դատարկ բաներ մի ասա։ Վեր կաց գնա և կեր, ինչպես պետքն է։ Որովհետև, եթե հանկարծ քո Հաակեն հայտնվի, ուզես-չուզես հետը խմելու ես։ Ավելի լավ է խմել, երբ կուշտ կերած ես։ Որոշե՞լ ես արդեն, թե ուր ես տանելու։

— Արդեն մտածված է։

— Ես նկատի ունեմ, եթե նա ցանկություն հայտնի որևէ բան տեսնել, զվարճանալ կամ խմել։

— Այո, իհարկե։ Ես բավական շատ տեղեր գիտեմ, որտեղ ոչ ոք ոչոքով չի հետաքրքրվում։

— Դե լավ, գնա ընթրելու։ Բայց չխմես։ Աշխատիր սննդավոր, յուղալի բաներ ուտել։

— Հասկանալի է։

Ռավիկը նորից գնաց «Ֆուքե»։ Կարծես ամեն ինչ անիրական լիներ։ Թվում էր, թե ինչ-որ գիրք է կարդում կամ նայում մելոդրամատիկ ֆիլմ և կամ պարզապես երազի մեջ է։ Նա դարձյալ երկու կողմից շրջանցեց ռեստորանը։ Տերրասները լուսավորված էին և մարդաշատ։ Ռավիկը հայացքով ստուգեց յուրաքանչյուր սեղան։ Հաակեն ոչ մի տեղ չկար։

Նա նստեց դռնից ոչ հեռու դրված մի փոքրիկ սեղանի մոտ, որտեղից կարող էր իր տեսադաշտում պահել ռեստորանի մուտքը և փողոցը։ Կողքին երկու կին զրուցում էին «Սկիպարելլի» և «Մենբոշե» խանութների մասին։ Նոսր մորուքով մի մարդ, որ նստած էր նրանց մոտ, ոչ մի անգամ բերանը չէր բացում։ Մյուս կողքին մի քանի ֆրանսիացի խոսում էին քաղաքականությունից։ Նրանցից մեկը ֆաշիստների կողմնակիցն էր, մյուսը՝ կոմունիստների, իսկ մնացածները ձեռ էին առնում երկուսին էլ ու ծիծաղում։ Ժամանակ առ ժամանակ նրանք նայում էին երկու գեղեցիկ, ինքնավստահ ամերիկուհիների, որոնք իրենցից քիչ այն կողմը նստած վերմութ էին խմում։

Ռավիկը խմում էր, աչքը պահելով փողոցի վրա։ Նա այնքան հիմար չէր, որ չհավատար պատահականությանը։ Պատահականություններ չեն լինում միայն լավ գրականության մեջ, իսկ առօրյա կյանքում հանդիպում են յուրաքանչյուր քայլափոխի, և այն էլ ամենահիմար պատահականությունները։ Նա մի կես ժամ դեռ մնաց նստած։ Հիմա իրեն ավելի հանգիստ էր զգում, քան ճաշին։ Վերջապես տեղից ելավ, մի անգամ էլ աչքածեց ռեստորանի տերրասը Ելիսեյան դաշտերի կողմից և շարժվեց դեպի հյուրանոց։

— Ահա քո մեքենայի բանալին,— ասաց Մորոզովը։— Մեքենադ փոխել եմ, վերցրել եմ կապույա գույնի «տալբո», որի նստիքները կաշեպատ են։ Նախկին մեքենայինը կտորից էին։ Կաշին հեշտությամբ լվացվում է։ Սա կաբրիոլետ է, կարող ես բացած և փակած ծածկոցով քշել։ Բայց լուսամուտներր միշտ բաց թող։ Եթե կրակես ծածկոցը փակած ժամանակ, կրակիր անպայման բաց լուսամատից, որպեսզի գնդակը ոչ մի հետք չթողնի։ Ես մեքենան վարձել եմ երկու շաբաթով։ Ոչ մի դեպքում հիմա անմիջապես գարաժ չբերես։ Առայժմ կանգնեցրու մի կողմ ընկած փողոցներից մեկնումեկում, որտեղ լիքը մեքենաներ են։ Մեքենայի մեջը լավ օդափոխիր։ Հիմա կանգնած է Բերրի փողոցում, «Լանկաստեր» հյուրանոցի դեմ֊դիմացը։

— Լավ,— ասաց Ռավիկը, մեքենայի բանալին դնելով հեռախոսի մոտ։

— Իսկ սրանք մեքենային վերաբերող թղթերն են,— ավելացրեց Մորոզովը, Ռավիկին պարզելով մեքենայի դոկումենտացիան։— Միայն վարորդական իրավունք չկարողացա ճարել։ Չուզեցի շատ մարդկանց հարցուփորձ անել։

— Ես վարորդական իրավունքի կարիք չունեմ։ Անտիբում ամբողջ ժամանակ առանց այդ իրավունքի էի մեքենա վարում։

Ռավիկը վերցրեց Մորոզովի մեկնած թղթերը և դրեց մեքենայի բանալու կողքը։

— Այս գիշեր մեքենան տար կանգնեցրու մի ուրիշ փողոցում,— ասաց Մորոզովը։

Մելոդրամա, մտածեց Ռավիկը, վատ կարգի մելոդրամա է։

— Շնորհակալություն, Բորիս, ես դա կանեմ։

— Ես կուզեի․․․ ես կարող էի քեզ հետ գալ․․․

— Իսկ ես չէի ուզի։ Այդպիսի բաները մարդ մենակ է անում։

— Դա ճիշտ է։ Միայն թե ռիսկդ զուր չանցնի, գործիր, ինչպես պետքն է։ Հաշիվը մաքրիր և վերջ։

Ռավիկը ժպտաց։

— Դու հարյուր անգամ դա ինձ արդեն ասել ես։

— Հազար անգամ էլ ասեմ, միևնույն է, քիչ է։ Սատանան գիտի, թե վճռական րոպեներին ինչ մտքեր են գալիս մտնում մարդու գլուխ։ Այդպես եղավ 1915 թվին իմ ծանոթներից մեկի Վոլկովսկու հետ, Մոսկվայում։ Նրան հանկարծ համակել էին պատվի վերաբերյալ ինչ֊որ տարօրինակ զգացումներ։ Ինչպես ասենք, որսորդներին է հանկարծ պատահում, երբ ուղղակի ձեռքները չի զորում որևէ անմեղ կենդանու վրա հրացան ուղղեն։ Ասել էր, ինչպե՞ս կարելի է, այդպես սառնարյուն կերպով մարդ սպանել։ Եվ հենց այդ ժամանակ էլ մի սրիկայի մեկը նրան փռել էր։ Սիգարետ ունե՞ս։

— Ունե՜մ։ Մի հարյուր հատ կա։ Եվ բացի դրանից, այստեղ ամեն ինչ կարելի է հեռախոսով պատվիրել։

— Եթե դա լինի այնպիսի ժամանակ, որ ես աշխատանքի մեջ չլինեմ, կգաս հյուրանոց և ինձ կարթնացնես։

— Գալը, ինչպես էլ ուղում է լինի, կգամ, անկախ նրանից, որևէ բան եղել է թե ոչ։

— Որ այդպես է, մնաս բարով, Ռավիկ։

— Գնաս բարով, Բորիս:

Ռավիկը դուռը փակեց Մորոզովի հետևից։ Հանկարծ սենյակում անսահման մի լռություն տիրեց։ Նա նստեց բազմոցի անկյունում և սկսեց նայել պատերի եզրազարդ ունեցող կապույտ մետաքսյա պաստառներին։ Երկու օրվա ընթացքում նա այդ պաստառներն ուսումնասիրել էր ավելի լավ, քան այն սենյակների պաստառները, որտեղ ինքը տարիներով ապրել էր։ Նա ուսումնասիրել էր նաև հայելին, հատակի մոխրագույն վելյուրե գորգը՝ սև լաքան լուսամուտի մոտ գտնվող մասում, ուսումնասիրել էր սեղանի, մահճակալի յուրաքանչյուր գիծը, բազկաթոռների ծածկոցները — այդ ամենը այնքան էր ծանոթ նրան, որ քիչ էր մնում սիրտը խառնի․․․ Միայն հեռախոսն էր, որ մինչև հիմա նրա համար դեռ անծանոթ էր մնում։