Հաղթական կամար - XVII գլուխ

Գրապահարան-ից

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XVI գլուխ Հաղթական կամար - XVIII գլուխ ▶


Ռավիկը գնաց կլինիկա։ Արդեն մի շաբաթ էր, ինչ ծովափից վերադարձել էր։ Հանկարծ նա տեղում քարացավ։ Նրա առաջ բացված տեսարանը ուղղակի մանկական խաղ էր հիշեցնում։ Նորակառույց շենքը արևի տակ այնպես էր փայլփլում, կարծես շինարարության մանկական հավաքածուի մասերից կառուցված լիներ։ Շենքի կմախքը բարձրանում էր տախտակամածների ցանցի միջից, որի արանքներից երևում էր կապույտ երկինքը... Հանկարծ մի տեղ տախտամածները ճոճվեցին, և նրանց միջից սահած գերանը, որի վրա մարդկային մի կերպարանք կար, սկսեց դանդաղորեն ընկնել, ինչպես վրան ճանճ նստած լուցկու հատիկն է ընկնում։ Գերանն ընկնում էր և ընկնում, նրա ընկնելը թվում էր ավերջանալի է։ Մարդկային կերպարանքը պոկվեց և սկսեց նմանվել փոքրիկ մի տիկնիկի, որը, թևերը տարածած, մի տեսակ անվարժ սավառնում էր օդում։ Թվում էր, թե աշխարհը մի վայրկյան սառել է գերեզմանային լռության մեջ։ Շուրջը ամեն ինչ անշարժացել էր — ոչ քամի կար, ոչ շնչառություն, ոչ ձայն։ Միայն տիկնիկային փոքրիկ կերպարանքն էր և մեկ էլ գերանը, որոնք անընդհատ ընկնում էին և ընկնում...

Հետո հանկարծ մի իրարանցռւմ սկսվեց, և աղմուկ բարձրացավ։ Ռավիկն զգաց, որ շունչը կտրվում է։ Նա վազեց։

Դժբախտության զոհը փռված էր սալարկին։ Փողոցը ընդամենը մի վայրկյան առաջ բոլորովին դատարկ էր։ Այժմ ասեղ գցելու տեղ չկար։ Մարդիկ վազում-գալիս էին բոլոր կողմերից, թվում էր տագնապի գանգ էին խփել։ Ռավիկը ճեղքում-անցնում էր բազմության միջով։ Նա տեսավ, որ երկու բանվոր աշխատաւմ են դժբախտության գոհին տեղից, բարձրացնել։

— Մի՛ վերկացրեք, թող մնա պառկած,— բղավեց նա։

Ժողովուրդը ետ քաշվեց ու ճանապարհ տվեց նրան։ Բանվորները ընկածին կիսով չափ բարձրացրած անշարժացան։

— Կամա՜ց ցած դրեք։ Շա՜տ զգույշ։ Զգուշությամբ ցա՜ծ դրեք։

― Դուք ի՞նչ եք,― հարցրեց բանվորներից մեկը,— բժի՞շկ։

— Այո։

— Շատ լավ։

Բանվորները դժբախտին պառկեցրին սալարկի վրա։ Ռավիկը չոքեց նրա կողքին և լսեց սիրտը։ Հետո զգուշորեն արձակեց քրտնքից թրջված բլուզի կոճակները, մարմինը շոշափեց և կանգնեց տեղից։

— Հը, ո՞նց է,— հարցրեց նույն բանվորը, դիմելով Ռավիկին։— Դեռ ուշքը տեղը չի՞ գալիս։

Ռավիկը գլուխն օրորեց։

― Բա ի՞նչ է եղել, նորից հարցրեց բանվորը։

— Մեռած է,— ասաց Ռավիկը։

— Մեռա՞ծ է։

— Այո։

— Ո՞նց թե մեռած է,― շփոթված հարցրեց բանվորը,— հենց նոր իրար հետ ճաշում էինք։

— Այդտեղ բժիշկ կա՞,― հարցրեց ինչ֊որ մեկը հավաքվածների բազմության վերջին շարքից։

— Ի՞նչ է պատահել,― հարցրեց Ռավիկը։

― Ո՞վ է բժիշկը, շուտ եկեք այստեղ։

— Ասացեք, տեսնենք ի՞նչ է պատահել։

― Կին է...

― Ի՞նչ կին։

― Ընկած գերանն իրեն է կպել։ Արնաքամ է լինում։

Ռավիկը խրվեց բազմության մեջ վիրավոր կնոջն օգնության հասնելու համար։ Կրով լիքը փոսի կողքին կիտած ավազի վրա պառկած էր կապույտ մեծ գոգնոցով փոքր-մոքր մի կին։ Կնճիռներով ակոսված նրա դեմքին մահվան գունատություն էր իջել, իսկ անշարժ աչքերը հանգած ածուխներ լինեին կարծես։ Վզի մոտ գտնվող վերքից արյունը ժայթքում էր փոքրիկ շատրվանի նման։ Ժայթքում էր ընդհատվող թեք և վեր խփող շիթով, և դա տարօրինակ կերպով չէր համընկնում անշարժ պառկած կնոջ վիճակի հետ։ Գլխի տակ գոյացող արյան սև լճակը իսկույն ներծծվում էր ավազի մեջ։

Ռավիկը սեղմեց կնոջ զարկերակը։ Հետո ձեռքը տարավ և բուժակային նեղլիկ պայուսակից, որը միշտ հետն էր լինում, դուրս քաշեց բինտի մի ծրար։

— Ապա մի բռնեք,— դիմեց նա իր մոտ կանգնածներին։

Չորս ձեռք միաժամանակ մեկնվեցին դեպի պայուսակը, բայց և այնպես պայուսակն ընկավ գետին՝ ավազի վրա, և բացվեց։ Նա ձեռքը գցեց ու վերցրեց այնտեղից մկրատը, տամպոնը և բինտի ծրարը։

Կինը պառկած էր լուռ։ Նրա աչքերում ոչ մի շարժում չկար։ Մարմնի յուրաքանչյուր մկանը պրկվել էր և ընդարմացել։

— Հիմա ամեն ինչ լավ կլինի, մայրիկ,— ասաց Ռավիկը։ — Մի վախենա։

Գերանը կպել էր ուսին ու վզին։ Ուսը ամբողջովին փշրվել էր, անրակը ջարդվել։ Հոդը, ըստ երևույթին, այլևս չի շարժվի։

— Դե լավ, ձախ թևը վերջացրինք,— ասաց Ռավիկը և զգուշորեն շոշափեց ծոծրակը։ Մաշկը պատռված էր։ Բայց ջարդվածքներ չկային։ Ռավիկը շոշափեց ոտքի ոսկորները, պարզեց, որ թաթը դուրս է ընկել։ Մոխրագույն, հաճախակի լցրած, բայց վրան ոչ մի ծակ չունեցող գուլպաներ, որոնք ծնկի ներքևից սև ծլանքներից կապիչներ ունեին (որքա՜ն հաճախ էր նա տեսել այդպիսի կապիչներ)։ Սև, կարկատած կոշիկներ, որոնց քուղերը կրկնակի կապով էին կապված։

— Որևէ մեկը զանգահարե՞լ է շտապ օգնություն,— հարցրեց Ռավիկը։

Բոլորը լուռ էին։

— Կարծեմ, զանգահարել են։ Ոստիկանը զանգահարեց,— փոքր-ինչ լռելուց հետո պատասխանեց կանգնածներից մեկը։

Ռավիկը գլուխը բարձրացրեց։

— Ոստիկա՞նը։ Ո՞ւր է նա։

— Մյուսի մոտ է... մեռածի...

Ռավիկը տեղից կանգնեց:

― Որ այդպես է, լավ է։ Ես այլևս անելիք չունեմ։

Նա ուզեց գնալ։ Հենց այդ րոպեին, բազմությունը ճեղքելով, հայտնվեց ոստիկանը։ Դա բլոկնոտը ձեռքին մի երիտասարդ էր, որը ներվայնացած անընդհատ լեզվով թրջում էր մատիտի ծայրը,

— Մի րոպե,— ասաց ոստիկանը և սկսեց գրել։

— Այստեղ ամեն ինչ արված է,— ասաց Ռավիկը։

— Մի րոպե, մեսյո։

― Ես շտապում եմ։ Անհետաձգելի կանչի պետք է գնամ։

— Մի վայրկյան միայն, մեսյո։ Բժիշկը դո՞ւք եք։

— Ես զարկերակը կապեցի, ուրիշ ոչինչ։ Հիմա ձեզ անհրաժեշտ է սպասել մինչև շտապ օգնությունը գա։

— Մի րոպե, մեսյո։ Ես պետք է ձեր ազգանունը գրեմ։ Դուք ներկա՞ եք եղել, ձեր վկայությունը կարևոր է։ Չէ՞ որ կինը կարող է մեռնել։

— Կինր չի մահանա։

— Դա ոչ ոքի հայտնի չէ։ Բացի դրանից, ըստ երևույթին, հարկ կլինի լուծել նաև խեղանդամության նպաստ նշանակելու հարցը։

— Դուք շտապ օգնություն հայտնե՞լ եք։

— Դա իմ կոլեգան կանի։ Խնդրում եմ, ինձ չխանգարեք, այլապես չենք կարող վերջացնել։

— Կինն այստեղ կիսամեռ ընկած է, իսկ դուք ուզում եք գնալ,— հանդիմանությամբ ասաց բանվորներից մեկը։

— Նա լրիվ կմեռներ, եթե ես այստեղ չլինեի։

― Բա իմ ասածն ի՞նչ է,— վրա բերեց բանվորը առանց որեէ տրամաբանության։— Ուրեմն, պետք է մնաք։

Լուսանկարչական ապարատի մի չրխկոց լսվեց։ Շլյապան դեպի ծոծրակը դրած մի մարդ ժպտաց։

— Չէի՞ք կարող մի անգամ էլ այնպես անել, որ իբր թե վիրակապն եք ամրացնում,— դիմեց նա Ռավիկին։

— Ոչ, չեմ կարող։

— Ես թերթի խմբագրությունից եմ,— ասաց նկարիչը։― Ձեր նկարը տեքստով և հասցեով հրապարակվելու է թերթում։ Մենք հաղորդելու ենք, որ կնոջ փրկողը դուք եք եղել։ Դա հիանալի ռեկլամ է բժշկի համար։ Խնդրեմ, այս կողմը գաք... այստեղ լույսն ավելի շատ է։

— Կորեք այստեղից, — վրդովված ասաց Ռավիկը։— Կնոջ համար անհրաժեշտ է այս րոպեիս շտապօգնություն կանչել։ Նրա վիրակապը երկար դիմանալ չի կարող, պետք է փոխվի... իսկ դուք կանգնել նկարից եք խոսում։ Շուտ շտապ օգնություն կանչեք։

Ամեն ինչ իր հերթով կգնա, մեսյո,— բացատրեց ոստիկանը։— Նախ և առաջ պետք է արձանագրություն կազմել։

― Իսկ մյուսը, որ մեռած է, քեզ ասա՞ց անունն ինչ է,— հարցրեց մի փոքրիկ տղա։

— Ձայնդ կտրի,— բղավեց ոստիկանը՝ թքելով ոտքերի առաջ։

— Մի անգամ էլ այստեղից նկարեք,— ասաց ինչ-որ մեկը լուսանկարչին։

— Ինչո՞ւ։

— Որպեսզի երևա, որ կինը մայթի ցանկապատած մասում է եղել։ Այստեղ ամբողջ փողոցը ցանկապատված է։ Ահա, նայեք․․․— խոսողը ցույց տվեց թեք կպցրած տախտակը, որի վրա գրված էր. «Ուշադրություն։ Անցումն արգելված է»։— Այնպես նկարեք, որ այդ դրածը երևա։ Դա մեզ պետք է։ Խեղանդամության նպաստի մասին խոսք անգամ լինել չի կարող։

— Ես ֆոտոթղթակից եմ,— ասաց շլյապան ծոծրակին քաշած մարդը։— Ես նկարում եմ այն, ինչ ինձ համար հետաքրքրություն է ներկայացնում։

— Իսկ մի՞թե դա հետաքրքիր չէ։ Այն դեպքում էլ ի՞նչն է հետաքրքիր։ Հիանալի նկար դուրս կգա՝ ցուցանակը հետին պլանում։

— Ցուցանակի մեջ ի՞նչ հետաքրքրություն։ Հետաքրքրությունը գործողություն ցույց տալու մեջ է։

— Այդ դեպքում դա մտցրեք արձանագրության մեջ։— Ոստիկանի ուսին կպչելով, ասաց մարդը։

— Ես կուզենայի իմանալ դուք ո՞վ եք այստեղ,— բարկացած հարցրեց ոստիկանը։

— Ես շինարարական ֆիրմայի ներկայացուցիչն եմ։

— Շատ լավ,— ասաց ոստիկանը։— Ուրեմն, դուք էլ մնացեք այստեղ։ Ձեր անունն ի՞նչ է։ Դա պետք է որ դուք իմանաք,— հարցրեց նա կնոջը։

Կինը շրթունքները շարժեց։ Նրա կոպերը թռթռացին։ Կարծես թիթեռնիկներ լինեին... հոգնած, գորշ թիթեռնիկներ, մտածեց Ռավիկը և նույն րոպեին, ինչ ապուշ մարդ եմ, ի՞նչ եմ կանգնել այստեղ, ես վաղուց պետք է չքված լինեի։

— Սատանան տանի,— ասաց ոստիկանը։— Խելքը թռցրե՞լ է, ինչ է։ Հիմա արի ու գլուխ հանի։ Իսկ ժամը երեքին իմ հերթապահությունը վերջանում է։

— Մարսել...— հազիվ լսելի ձայնով ասաց կինը։

— Ի՞նչ։ Մի անգամ էլ ասացեք։ Ի՞նչ ասացիք։— Ոստիկանը նորից կռացավ կնոջ վրա։

Կինը լուռ էր։

— Ինչ ասացի՞ք։— Ոստիկանը լարված սպասում էր։— Մի անգամ էլ։ Մի անգամ էլ կրկնեք, ինչ ասացիք։

Կինը դարձյալ լուռ էր։

— Դե կորչում եք, կորեք, ի՞նչ եք կանգնել գլուխ տանում,— բղավեց ոստիկանը շինարարական ֆիրմայի ներկայացուցչի վրա։— Եկեք արձանագրություն կազմեք, տեսնեմ ոնց եք կազմում։

Այդ նույն վայրկյանին նորից շրխկաց լուսանկարչական ապարատը։

— Շնորհակալություն,— ասաց նկարիչը։— Շատ կենդանի նկար դուրս կգա։

— Մեր ֆիրմայի նշանը նո՞ւյնպես նկարեցիք,— հարցրեց շինարարական ֆիրմայի ներկայացուցիչը, առանց ուշադրություն դարձնելու ոստիկանի ասածին։— Ես կես դյուժին նկար հենց հիմա կպատվիրեմ։

— Ոչ, ձեր ֆիրմայի նշանը ես չնկարեցի,— ասաց նկարիչը։— Ես սոցիալիստ եմ։ Դուք ավելի լավ կլինի ապահովագրությամբ հասանելիք գումարը վճարեք, ողորմելի թազի և միլիոնատեր։

Շչակի մի սուր ձայն լսվեց։ Շտապ օգնությունն էր։ Սա հենց այն ժամանակն է, երբ կարելի է ծլկել, մտածեց Ռավիկը։ Նա զգուշորեն ետ քաշվեց։ Բայց ոստիկանը բռնեց և չթողեց հեռանա։

― Դուք պետք է ինձ հետ ոստիկանական բաժին գաք, մեսյո։ Ես ցավում եմ, բայց ինչ էլ ուզում է լինի, պետք է արձանագրություն կազմվի։

Մի երկրորդ ոստիկան, որ չգիտես որտեղից հայտնվեց, կանգնեց նրա կողքին։ Ուրիշ ելք չկար։ Մնում էր ենթարկվել։ Հուսանք, որ ամեն ինչ հաջող կվերջանա, մտածեց Ռավիկը և քայլեց նրանց հետ։


Ոստիկանության հերթապահը լուռ, լսում էր նորից կազմած արձանագրության ընթերցումը։ Հետո նա դիմեց Ռավիկին։

— Դուք ֆրանսիացի չեք։

Նա ոչ թե հարցնում, այլ նշում էր փաստը։

— Ոչ,— ասաց Ռավիկը։

— Իսկ ո՞վ եք։

— Չեխ եմ։

— Ինչպե՞ս է եղել, որ դուք այստեղ բժիշկ եք աշխատում: Չէ որ որպես օտարերկրացի, դուք իրավունք չունեք այստեղ բժշկական պրակտիկայով զբաղվելու, եթե հպատակություն չեք ընդունել։

Ռավիկը ժպտաց։

— Ես բժշկական պրակտիկայով չեմ զբաղվում։ Այստեղ գտնվում եմ որպես տուրիստ։ Ճանապարհորդում եմ իմ հաճույքի համար։

— Ձեր անձնագիրը ձեզ մո՞տ է։

— Դա մեր ինչի՞ն է պետք, Ֆերնան,— հարցրեց ոստիկանական մյուս պաշտոնյան։— Մեսյոն պարզապես օգնում էր այդ կնոջը, մենք վերցրել ենք նրա հասցեն։ Այդքանը բավական է։ Մանավանդ որ ուրիշ շատ վկաներ կան։

— Դա ինձ հետաքրքրում է։ Անձնագիր կամ համապատասխան որևէ փաստաթուղթ դուք ունե՞ք ձեզ մոտ։

— Իհարկե, ոչ,— պատասխանեց Ռավիկը։— Ո՞վ է իր անձնագիրը անընդհատ մոտը պահում։

— Իսկ որտե՞ղ եք պահում։

— Հյուպատոսությունում։ Մի շաբաթ է, ինչ հանձնել եմ այնտեղ։ Վիզայի ժամկետը պետք է երկարացվեր։

Ռավիկը գիտեր, որ եթե ասի անձնագիրը հյուրանոցում է, նրան կարող են որևէ ոստիկանի հետ այնտեղ ուղարկել, և կեղծիքը իսկույն կբացվի։ Բացի դրանից, զգուշության համար նա տվել էր ոչ թե իր, այլ մի ուրիշ հյուրանոցի հասցե, հյուպատոսությունն ավելի հուսալի էր։

― Իսկ ո՞ր հյուպատոսությունում է,— հարցրեց Ֆերնանը։

— Չեխական։ Ուրիշ որտե՞ղ կարող է լինել։

— Դա մենք կարող ենք զանգահարել և հարցում անել։— Ֆերնանը աչքը գցեց Ռավիկի երեսին։

— Իհարկե, կարող եք։

Ֆերնանը մի փոքր սպասեց։

— Լավ,— ասաց նա։— Հենց այդպես էլ կանենք։

Նա տեղից վեր կացավ և գնաց կողքի սենյակը։ Ոստիկանության մյուս պաշտոնյան երևում էր, որ դրանից ճնշվում է։

— Ներեցեք, մեսյո,— դիմեց նա Ռավիկին։— Դրա անհրաժեշտությունը, իհարկե, չկա, բայց դա ձևականություն է, ուրիշ ոչինչ։ Հիմա իսկույն կպարզեն։ Մենք շատ շնորհակալ ենք ձեր ցույց տված օգնության համար։

Կպարզեն, մտածեց Ռավիկը։ Նա գրպանից սիգարետ հանեց և հանգիստ նայեց շուրջը։ Դռան մոտ կանգնած էր մի ոստիկան։ Բայց դա պարզապես պատահականություն էր։ Մինչև հիմա դեռ ոչ ոք նրան ոչ մի բանում լրջորեն չէր կասկածել։ Նա կարող էր ոստիկանին մի կողմ հրել․․․ բայց սենյակում, բացի ոստիկանից երեք հոգի էլ կային — շինարարական ֆիրմայի ներկայացուցիչը և երկ ու բանվոր։ Փախուստի փորձ անելն անմտություն էր։ Գլուխ ազատելը դժվար կլիներ, մանավանդ որ ոստիկանական շենքի առաջ սովորաբար միշտ ոստիկաններ են լինում։

Ֆերնանը վերադարձավ։

— Հյուպատոսությունում ձեր անվամբ ոչ մի անձնագիր չկա։

— Հնարավոր է,— ասաց Ռավիկը։

— Ինչպե՞ս թե հնարավոր է։

— Տեղեկություն հաղորդող աշխատակիցը կարող է և ամեն ինչ չիմանալ իսկույն պատասխան տալու համար։ Այդպիսի գործերով այնտեղ հինգ֊վեց մարդ է զբաղվում։

― Բայց ինձ պատասխանողը տեղյակ էր ամեն ինչից։

Ռավիկը չառարկեց։

— Դուք չեխ չեք,— ասաց Ֆերնանը։

― Լսիր, Ֆերնան,— մեջ մտավ երկրորդ պաշտոնյան։

― Դուք չեխական ակցենտ չունեք,— ասաց Ֆերնանը։

— Հետ՞ո ինչ։

― Դուք գերմանացի եք,— հաղթական տոնով հայտարարեց Ֆերնանը։— Եվ անձնագիր չունեք։

— Ոչ,— առարկեց Ռավիկը,— գերմանացի չեմ, ես մարոկկացի եմ, և ունեմ աշխարհի բոլոր ֆրանսիական անձնագրերը։

— Մեսյո,— մռնչաց Ֆերնանը։— Դուք ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այդ։ Դուք վիրավորում եք ֆրանսիական գաղութային տիրապետությանը։

— Նրա բանը բուրդ է,— ասաց բանվորներից մեկը։

Շինարարական ֆիրմայի ներկայացուցչի դեմքին մի այնպիսի արտահայտություն հայտնվեց, կարծես ուզում էր պատվի առնել։

— Ֆերնան, վերջ տուր...

— Դուք սուտ եք խոսում։ Դուք չեխ չեք։ Անձնագիր ունե՞ք, թե ոչ։ Պատասխանեք։

Մարդու մեջ կռիսա է նստած, մտածեց Ռավիկը։ Մարդու մեջ կռիսա է նստած, որին երբեք հնարավոր չէ խեղդել ջրում։ Այս ապուշի ի՞նչ գործն է, ես անձնագիր ունե՞մ թե չէ։ Բայց կռիսան հոտ է առել և ահա դուրս է սողում բնից։

— Պատասխանեք,— բղավեց Ֆերնանը։

Թղթի կտոր։ Ամեն ինչ դրան է հանգեցվում — ունե՞ս այդ թղթի կտորը թե չէ։ Ցույց տուր այդ թղթի կտորը, և այդ անասունը կսկսի հազար ներողություններ խնդրել, խոնարհվել քո առաջ, պատիվներ տալով ճանապարհ կդնի քեզ, բոլորովին անտարբեր, եթե դու անգամ մի ամբողջ ընտանիք ես սրի քաշել կամ թալանել որևէ բանկ։ Մեր օրերում, եթե նույնիսկ իրեն Քրիստոսին էլ բռնացնեն առանց անձնագրի, իսկույն ծակը կխրեն։ Ասենք նա չէր էլ ապրի մինչև իր երեսուներեք տարին, մեր ժամանակներում նրան ավելի շուտ կսպանեին։

— Դուք կմնաք այստեղ, քանի դեռ չի պարզված, թե ով եք դուք,— ասաց Ֆերնանը։— Այդ հոգսը ես կվերցնեմ ինձ վրա։

— Շատ լավ,— ասաց Ռավիկը։

Ֆերնանը ոտքերը շրմփշրմփացնելով դուրս գնաց։ Ոստիկանական մյուս պաշտոնյան գլուխը թաղել էր իր սեղանի թղթերի մեշ։

— Մեսյո,— ասաց նա,— ես շատ ցավում եմ։ Բայց երբեմն նա խելագարի պես է պահում իրեն։

— Ոչինչ, մի անհանգստացեք։

— Մենք կարող ենք գնա՞լ,— հարցրեց բանվորներից մեկը։

— Դուք՝ այո։

— Էհ, որ այդպես է, գնացինք։— Նա շրջվեց դեպի Ռավիկր։— Համաշխարհային հեղափոխությունից հետո այլևս անձնագրի կարիք չեք ունենա, մի մտածեք։

— Դուք պետք է հասկանաք, մեսյո,— ասաց ոստիկանական երկրորդ պաշտոնյան, որ Ֆերնանի հայրը անցած պատերազմում սպանվել է։ Դա է պատճառը, որ նա այդպիսի ատելությամբ է լցված գերմանացիների դեմ և այդպիսի բաներ է անում։

Ոստիկանական պաշտոնյան մի վայրկյան փոքր-ինչ շփոթված նայեց Ռավիկին։ Ըստ երևույթին, նա գլխի էր ընկել, թե բանն ինչումն է։

— Ես շատ եմ ցավում ձեզ համար, մեսյո։ Եթե ես մենակ լինեի...

— Ոչինչ, մի անհանգստացեք։— Ռավիկը նայեց իր շուրջը։— Ես կարո՞ղ եմ մինչև այդ Ֆերնանի գալը զանգահարել ձեր հեռախոսով։

— Իհարկե։ Հեռախոսն այնտեղ սեղանի վրա է։ Բայց շուտ արեք։

Ռավիկը զանգահարեց Մորոզովին և գերմաներեն բացատրեց նրան, թե ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև խնդրեց, որ Վեբերին հաղորդվի այդ մասին։

— Ժոանին նո՞ւյնպես,— հարցրեց Մորոզովը։ Ռավիկը տատանվեց։

— Ոչ։ Ժոանին դեռ պետք չէ։ Ասա միայն, որ ինձ բռնել են, բայց մի երկու֊երեք օրից հետո ամեն ինչ կհարթվի։ Լավ նայիր նրան։

— Շատ լավ,— պատասխանեց Մորոզովը, առանց որևէ ոգևորության։— Շատ լավ, Վոցեկ։

Ռավիկը հազիվ էր լսափողը ցած ղրել, երբ ներս մտավ Ֆերնանը։

— Իսկ ի՞նչ լեզվով էիք հենց նոր խոսում,— հարցրեց նա՝ քմծիծաղ տալով։— Չեխերե՞ն։

— Էսպերանտոերեն,― ասաց Ռավիկը։


Վեբերը եկավ հաջորդ առավոտյան։

— Սա ինչ գարշելի բան է,— ասաց նա, խցում շուրջը նայելով։

— Ֆրանսիայում բանտերը դեռ պահպանվում են ինչպես որ պետքն է,— պատասխանեց Ռավիկը։— Հումանիստական նեխվածք չկա։ Իսկական, գարշահոտություն արձակող տասնութերորդ դար է։

— Սատանան տանի,— ասաց Վեբերը։— Հենց դո՞ւք պետք է այստեղ ընկնեիք։

— Մարդ բարի գործ չպետք է կատարի։ Իսկույն քթից բերում են։ Պետք է թողնեի, որ այդ կինը արնաքամ լիներ։ Երկաթյա ժամանակներում ենք ապրում, Վեբեր։

— Երկաթբետոնե ժամանակներում։ Իսկ սրանք գլխի՞ են ընկել, որ դուք Փարիզում անլեգալ եք ապրում։

— Իհարկե։

— Ձեր հասցեն նո՞ւյնպես իմացան։

— Հասցես՝ ոչ։ Հո ես չէի մատնի իմ հին «Ինտերնացիոնալը»։ Հյուրանոցի տիրուհին իսկույն տուգանքի կենթարկվեր, չէ որ այնտեղ բնակվողները ոստիկանությունում գրանցված չեն։ Բավական է մի շուրջկալ կազմակերպվեր, անմիջապես մի տասը հոգի ճանկները կգցեին։ Այս անգամ ես տվի «Լանկասեր» հյուրանոցի հասցեն։ Դա թանկ, շքեղ և փոքրիկ մի հյուրանոց է։ Մի ժամանակ ես բնակվել եմ այնտեղ։

— Ձեր նոր անունը Վոցե՞կ է։

— Վլադիմիր Վոցեկ,— Ռավիկը քմծիծաղեց։— Իմ չորրորդ անունն է։

— Այ քեզ ձախորդություն,— ասաց Վեբերը։— Հիմա ի՞նչ անենք, Ռավիկ։

— Շատ բան պետք չէ։ Գլխավորը հետևյալն է. ոստիկանությունը չպետք է իմանա, որ ես մի քանի անգամ Ֆրանսիայում եմ եղել։ Այլապես վեց ամիս բանտ կնստեցնեն։

— Սատանան տանի։

— Այո, աշխարհը օրըստօրե ավելի ու ավելի մարդասեր է դառնում։ Ապրիր վտանգի մեջ, ասել է Նիցշեն։ Էմիգրանտներն այդպես էլ անում են — հակառակ իրենց կամքին։

— Իսկ եթե ոստիկանությունր ոչինչ չիմանա՞։

— Մինչև նորից ճանկեն։

— Միանգամայն իրավացի եք։ Այս անգամ դա բավական երկար տևեց։ Երկու տարի։ Մի ամբողջ կյանք։

— Պետք է մի բան մտածել։ Այլևս այսպես շարունակել չի կարելի։

— Ինչո՞ւ չի կարելի։ Շատ լավ կարելի է։ Իսկ ի՞նչ կարող եք անել։

Վեբերը մտքերի մեջ ընկավ։

— Դյուրա՜ն։— Հանկարծ բացականչեց նա։— Իհա՜րկե։ Դյուրանն աշխարհում մարդ չկա, որ հետը ծանոթ չլինի, և ազդեցություն ունի․․․— Նա կմկմաց ու ընդհատեց խոսքը։— Աստվա՜ծ իմ։ Չէ՞ որ դուք ինքներդ եք վիրահատել ամենագլխավոր բոնզերից մեկին, որից շատ բան է կախված։ Հիշո՞ւմ եք, որի լեղապարկը հիվանդ էր։

— Ես չեմ։ Դյուրանն է։

Վեբերը ծիծաղեց։

— Իհարկե, ես ծերուկին ցույց չեմ տա, որ դա գիտեմ։ Բայց նա կարող է որոշ բաներ անել։ Ես նրա հոգին կհանեմ։

— Հազիվ թե դուք որևէ բանի հասնեք։ Ես Դյուրանից վերջերս զոռով երկու հազար ֆրանկ պոկեցի։ Նա այնպիսի տիպերից չէ, որ դա հեշտությամբ մոռանա։

— Այն էլ ո՞նց կմոռանա,— վրա բերեց Վեբերը կարծես բավարարված։— Նա կվախենա, մտածելով, որ դուք այդ վիրահատությունների մասին կսկսեք պատմել։ Չէ՞ որ դուք նրա համար տասնյակ վիրահատություններ եք արել։ Էլ չեմ ասում, որ նրան պետք եք։

— Նա հեշտությամբ կարող է մի ուրիշին գտնել։ Բինոյին կամ էմիգրանտ վիրաբույժներից մեկնումեկին։ Հիմա դրանց պակասը չի զգացվում։

Վեբերը բեղերը սղալեց։

— Գուցե չի զգացվռւմ, բայց ձեր ձեռքի պես ձեռք ունեցողներ չկան։ Համենայն դեպս կփորձեմ խոսել Դյուրանի հետ։ Ես դա հենց այսօր կանեմ։ Կարո՞ղ եմ արդյոք որևէ բանով օգնել ձեզ։ Ինչպե՞ս են կերակրում։

― Շատ վատ։ Բայց որոշ բաներ ես կարող եմ գնել։

— Ծխախոտի հարցն ինչպե՞ս է։

— Դա բավականացնում է։ Իսկ այն, ինչի կարիք ես զգում եմ, դուք ինձ օգնել չեք կարող — դա լողանալու հարմարությունն է։


Ռավիկը մի հրեա մոնտյորի, կիսահրեա գրողի և մի լեհի հետ երկու շաբաթ անցկացրեց բանտում։ Մոնտյորը անընդհատ Բեռլինի կարոտն էր քաշում։ Գրողը ատելությամբ էր լցված դեպի այդ քաղաքը։ Լեհը բոլորովին անտարբեր էր։ Ռավիկը բանտային ընկերներին ծխախոտ էր մատակարարում։ Գրողը հրեական անեկդոտներ էր սրստմում, մոնտյորը անփոխարինելի էր որպես մասնագետ՝ ունիտազից եկող գարշահոտության դեմ պայքարելու համար։

Երկու շաբաթից հետո Ռավիկին դուրս տարան։ Սկզբում նրան ներկայացրին մի տեսուչի։ Սա Ռավիկին հարցրեց, փող ունի թե ոչ։

— Ունեմ,— ասաց Ռավիկը։

— Հիանալի է։ Ուրեմն, տաքսի վերցրեք։

Բանտից նա դուրս եկավ մի ոստիկանի ուղեկցությամբ։ Փողոցը ողողված էր արևով։ Որքա՜ն հրաշալի էր նորից հայտնվել դրսում։ Բանտի դռան մոտ մի ծերունի փուչիկներ էր վաճառում։ Ռավիկը չէր կարողանում հասկանալ, թե ծերունին ինչու է վաճառքի համար հենց բանտի դուռը ընտրել։ Ռավիկին ուղեկցող ոստիկանը գլխի շարժումով մի տաքսի կանչեց։

— Ո՞ւր ենք գնալու,— հարցրեց նրան Ռավիկը։

— Պետի մոտ,— պատասխանեց ոստիկանը։

Ռավիկը չգիտեր, թե ինչ պետի մասին է խոսքը։ Ասենք նրա համար միևնույն էր, դա ով է, միայն թե գերմանական համակենտրոնացման ճամբարի պետը չլիներ։ Աշխարհում զարհուրելի միայն մի բան կա. ընկնել գեստապոյական մարդասպանների ճանկը և պաշտպանվելու ոչ մի հնարավորություն չունենալ։ Մնացածը դատարկ բաներ էին։

Տաքսին ռադիոընդունիչ ուներ։ Ռավիկը միացրեց։ Հաղորդումը բանջարեղենի գների մասին էր։ Հետո եկան վերջին լուրերը։ Ոստիկանական պաշտոնյան սկսեց հորանջել։ Ռավիկը բռնակը փոխադրեց նոր ալիքների վրա։ Երաժշտություն էր։ Մոդայիկ մի երգ։ Ոստիկանական պաշտոնյան աշխուժացավ։

— Շառլ Տրենեն է,— ասաց նա։— «Մենիլմոնտանն» է երգում։ Հրաշալի բան է։

Տաքսին կանգ առավ։ Ռավիկր վճարեց։ Նրան տարան մի ընդունարան, որտեղից, ինչպես աշխարհի բոլոր ընդունարաններից, սպասումի, քրտնքի և փոշու հոտ էր գալիս։

Նա մի կես ժամ նստեց այդտեղ և կարդաց «La vie parisienne»-ի հին համարներից մեկը, որը ինչ֊որ հաճախորդ էր թողել այդտեղ։ Երկու շաբաթ առանց գրքի ապրելուց հետո, այդ թերթը նրան, կլասիկ գրականության հաճույք պատճառեց։ Այնուհետև նրան տարան պետի մոտ։

Որոշ ժամանակ անցավ, մինչև որ Ռավիկը ճանաչեց այդ փոքրամարմին գեր մարդուն։ Վիրահատելիս նա սովորություն չուներ նայելու հիվանդի երեսին։ Նրանց նկատմամբ Ռավիկը նույնքան անտարբեր էր, որքան օրացուցային թվերի։ Նրան հետաքրքրողը միայն մարմնի այն հիվանդ տեղն էր, որն ինքը պետք է վիրահատեր։ Բայց այդ դեմքին նա նայել էր հետաքրքրությամբ։ Ռավիկի առաջ նստած էր առողջ, կրկին ցմփորացած, բայց արդեն առանց լեղապարկի Լևալը։ Ռավիկը մոռացել էր, որ Վեբերը պետք է ոտքի հանի Դյուրանին, և մտքով էլ չէր անցնում, թե ինքը երբևէ կարող է Լևալի մոտ ընկնել։

Լևալը ոտից գլուխ զննեց նրան։ Ըստ երևույթին ժամանակ ուներ և չէր շտապում։

— Իհարկե, ձեր անունը Վոցեկ չէ,— քթի տակ փնթփնթաց Լևալը։

― Ոչ։

— Ապա ի՞նչ է։

— Նոյման։

Ռավիկը նախապես դա համաձայնեցրել էր Վեբերի հետ։ Վերջինս իր հերթին զգուշացրել էր Դյուրանին։ Վոցեկ ազգանունը չափազանց արտառոց էր հնչում։

— Դուք գերմանացի եք, ճի՞շտ է։

— Այո։

— Փախստակա՞ն։

— Այո։

— Երբեք չէի ասի։ Փախստականի տեսք չունեք։

— Ոչ բոլոր փախստականներն են հրեա,— բացատրեց Ռավիկը։

— Ինչո՞ւ եք հարցաքննության ժամանակ ստել։ Չեք ասել ձեր իսկական անունը։

Ռավիկն ուսերը թոթվեց։

— Բա ի՞նչ անեի։ Մենք աշխատում ենք որքան կարելի է քիչ ստել։ Բայց երբեմն հարկադրված ենք լինում, և դա ամենևին էլ մեզ հաճույք չի պատճառում։

Լևալի արյունը գլուխը խփեց։

— Իսկ դուք կարծում եք այս ամբողջ պատմությունները մեզ հաճո՞ւյք են պատճառում։

Ինչպիսի՜ կեղտոտ գորշություն, մտածեց Ռավիկը։ Կեղտավուն ճերմակ գլուխ, կեղտավուն կապույտ պարկեր՝ աչքերի տակ, կիսաբաց բերան։ Այն ժամանակ չէր խոսում, այն ժամանակ ընդամենը լխկած մսի մի կտոր էր՝ նեխող լեղապարկով։

— Որտե՞ղ եք ապրում։ Հասցեն նույնպես ստել եք։

— Ես ապրելու հիմնական տեղ չեմ ունեցել։ Մի օր այստեղ եմ ապրել, մի օր այնտեղ։

— Ինչքա՞ն ժամանակ է Ֆրանսիայում եք։

— Երեք շաբաթ։ Երեք շաբաթ է, ինչ Շվեյցարիայից եկել եմ։ Ինձ հարկադրեցին անցնել սահմանը։ Դուք լավ գիտեք, որ մենք առանց փաստաթղթի ոչ մի տեղ ապրելու իրավունք չունենք։ Եվ մեզանից բոլորը չեն, որ իրենց մեջ ինքնասպանություն գործելու ուժ են գտնում։ Այս է պատճառը, որ մենք այսքան գլխացավանք ենք պատճառում ձեզ։

— Ուրեմն, պետք է մնայիք Գերմանիայում,— վրա բերեց Լևալը, քթի տակ մրթմրթալով։— Իզուր եք կարծում, թե այնտեղ այդքան սարսափելի է։ Շատ բան չափազանցում են։

Եթե ես կտրվածքը մի փոքր ուրիշ կերպ անեի, մտածեց Ռավիկը, հիմա դու ոչ այստեղ նստած կլինեիր և ոչ էլ դուրս կտայիր այդ հիմարությունները։ Որդերը առանց փաստաթղթի էլ կանցնեին քո սահմանը․․․ և կամ թե չէ մի բուռ փոշի դառած կլինեիր անճաշակ մի սափորի մեջ։

— Այստեղ որտե՞ղ եք ապրել,— հարցրեց Լևալը։

Ես գիտեմ, որ դու հաճույքով կուզենայիր այդ իմանալ, մտահեց Ռավիկը, որպեսզի մյուսներին ճանկդ գցես։

— Թանկ հյուրանոցներում,— ասաց Ռավիկը։— Տարբեր անուններով։ Միշտ մի քանի օրով։

— Դա ճիշտ չէ։

— Ուրեմն, ինչո՞ւ եք հարցնում, եթե դուք ինձանից ավելի լավ գիտեք,— ասաց Ռավիկը, որին այդ խոսակցությունը սկսել էր ձանձրույթ պատճառել։

Լևալը զայրույթով ձեռքի ափով խփեց սեղանին։

— Դուք ձեր սահմանը ճանաչեք,— և անմիջապես նայեց ձեռքի ափին։

— Դուք ափով մկրատին խփեցիք — ասաց Ռավիկը։

Լևալը ձեռքը խրեց գրպանը։

— Դուք չե՞ք զգում, որ ձեզ պահում եք չափազանց ամբարտավան,— հանկարծ հարցրեց նա այն մարդու հանդարտությամբ, որի համար դժվար չէ տիրապետել իրեն, քանի որ նրա խոսակիցը ամբողջությամբ իր իշխանության տակ է գտնվում։

— Ամբարտավա՞ն եմ պահում։— Ռավիկը զարմացած նայեց Լևալին։— Դուք դա ամբարտավանությո՞ւն եք համարում։ Բայց չէ որ այստեղ ոչ տարրական դպրոց է և ոչ էլ զղջացող ոճրագործների ապաստարան։ Ես ստիպված եմ ինձ պաշտպանել, իսկ դուք ուզում եք, որ ես ինձ զգամ որպես ժուլիկ, որն ավելի գթասիրտ պատիժ է աղերսում։ Եվ դա սոսկ այն պատճառով, որ ես նացիստ չեմ և փաստաթուղթ չունե՞մ։ Ոչ, մենք մեզ ոճրագործներ չենք համարում, թեև ճաշակել ենք և բանտ, և ոստիկանական դաժանություն, և ամեն կարգի ստորացումներ։ Մենք ուզում ենք դիմանալ, ուզում ենք չմեռնել — ահա այն միակ բանը, որ պահպանում է մեր արիությունը, որ ուժ է տալիս մեզ կռվելու, մի՞թե դուք այդ չեք հասկանում։ Աստված իմ, մի՞թե դա ամբարտավանություն է։

Լևալը Ռավիկի այդ խոսքերին ոչինչ չպատասխանեց։

— Դուք այստեղ բժշկական պրակտիկայով զբաղվո՞ւմ եք,— հարցրեց նա։

— Ոչ։

Վիրապատության սպին հիմա արդեն փոքրացած կլինի, մտածեց Ռավիկը։ Ես կտրվածքը շատ խնամքով կարեցի։ Հոգիս դուրս եկավ մինչև քո ճարպերը հեռացրի։ Բայց նորից այնքան ես լափել, որ փորդ կրկին ցցվել է։ Լափել ես և լկել։

— Ամենամեծ վտանգը դա է,— բացատրեց Լևալը։— Առանց իշխանությունների գիտության, առանց որևէ հակումի դուք աջ ու ձախ գործեր եք բռնում։ Եվ ով գիտի ինչքան ժամանակ։ Չկարծեք, թե ես հավատում եմ ձեր ասած այդ երեք շաբթին։ Ո՞ւմ է հայտնի, թե դուք ինչ տեղեր եք խրել ձեր մատները, ինչպիսի մութ գործեր եք բռնել։

Ես մատներս խրել եմ քո կոշտ զարկերակներով կաշվի տակ, ճարպակալած լյարդով ու նեխած լեղապարկով քո փորը, մտածեց Ռավիկը։ Եվ եթե ես մատներս չխրեի այնտեղ, ապա քո բարեկամ Դյուրանը ամենամարդասեր ու տխմար ձևով քեզ կսպաներ։ Եվ ոչ միայն կսպաներ, այլև կդառնար ավելի հռչակավոր վիրաբույժ և վիրահատության գինը կրկնակի կբարձրացներ։

— Այո, ամենամեծ վտանգը,— կրկնեց Լևալը։— Դուք բժշկական պրակտիկայի իրավունք չեք ունեցել, մինչդեռ ձեռքներդ գցել եք ամեն տեղ, ինչ պատահել է, դա միանգամայն պարզ է։ Ես այդ մասին խոսել եմ մեր հեղինակավոր մասնագետներից մեկի հետ, և այդ հարցում նա նույն կարծիքին է, ինչ որ ես։ Եթե դուք որևէ գաղափար ունեք բժշկությունից, ապա պետք է որ նրա անունը ձեզ հայտնի լինի։

Ոչ, մտածեց Ռավիկը։ Դա անհնար է։ Նա Դյուրանի անունը չի տա։ Կյանքը այդպիսի կատակներ չի հանդուրժի։

— Դա պրոֆեսոր Դյուրանն է,— արժանապատվոր են արտասանեց Լևալը։— Նա բացատրեց ինձ բոլոր այդ գաղտնիքները։ Սանիտարները, սովորելու անկարող ուսանողները, մասաժիստները, ասիստենտները — բոլորը այստեղ իրենց խոշոր գերմանական բժիշկներ են հայտարարել։ Ո՞վ կարող է այդ բոլորին հսկել։ Վիրաբուժական անթույլատրելի միջամտություններ, գաղտնի աբորտներ, մանկաբարձուհիների հետ բռնած մութ գործեր, խալտուրաներ — մի խոսքով, երկնքին է հայտնի, թե էլ ինչերի մեջ չեն մտնում նրանք։ Այդ բոլորից հետո մենք ինչքան էլ ուզում է խիստ լինենք, միևնույն է, դա քիչ է լինելու։

Դյուրանը, մտածեց Ռավիկը։ Դյուրանը վրեժ է լուծում երկու հազար ֆրանկի համար։ Իսկ ո՞վ է հիմա վիրահատություններ անում նրա փոխարեն։ Ըստ երևույթին Բինոն։ Երևի, նորից են հաշտվել։

Ռավիկը հանկարծ զգաց, որ ինքն, այլևս Լևալին չի լսում։ Եվ սթափվեց միայն այն ժամանակ, երբ նա տվեց Վեբերի անունը։

— Զեզ համար ինչ֊որ մի բժիշկ Վեբեր է բարեխոսել։ Դուք ճանաչո՞ւմ եք նրան։

— Ոչ շատ մոտիկից։

— Նա եկել էր ինձ մոտ։

Մի պահ Լևալի աչքերը չռված նայեցին տարածության մեջ ինչ֊որ անորոշ կետի։ Հետո բարձրաձայն փռշտաց, գրպանից հանեց թաշկինակը, հանգամանորեն խնչեց, նայեց թաշկինակին՝ տեսնելու համար, թե քթից ինչ դուրս եկավ, հետո նորից ծալեց ու դրեց գրպանը։

— Ես ձեզ ոչնչով օգնել չեմ կարող։ Եկեք պարզ խոսենք։ Ձեզ այստեղից կվտարեն։

— Գիտեմ։

— Դուք բացի այս անգամվանից, էլի՞ եք եղել Ֆրանսիայում։

— Ոչ։

— Եթե նորից վերադառնաք, վեց ամիս բանտ կնստեցնեն։ Դա ձեզ հայտնի՞ է։

— Այո։

― Ես կաշխատեմ, որ ձեզ որքան կարելի է շուտ վտարեն այստեղից։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ անել ձեզ համար։ Փող ունե՞ք։

— Այո։

— Հիանալի է։ Ուրեմն, մինչև սահման գնալու վարձը կվճարեք ձեզ և ձեզ ուղեկցող ոստիկանի համար։— Նա գլխով արեց։— Կարող եք գնալ։


— Մենք որոշակի ժամի՞ պետք է վերադառնանք,— հարցրեց Ռավիկը իրեն ուղեկցող ոստիկանին։

— Պարտադիր չէ։ Ինչպես որ հաջողվի։ Իսկ ինչո՞ւ։

— Ես կուզեի մի բաժակ ապերիտիվ խմել։

Ոստիկանը նայեց նրան։

— Չեմ փախչի,— ասաց Ռավիկը և, գրպանից հանելով մի քսանֆրանկանոց թղթադրամ, սկսեց հետը խաղալ։

― Լավ, որ ասում եք... Մի քանի րոպեն նշանակություն չունի։

Տաքսի նստելով, նրանք վարորդին ասացին, որ իրենց տանի մինչև մոտակա բիստրոն։ Դրսում՝ մայթի վրա, մի քանի սեղաններ էին դրված։ Թեև օրն արևոտ էր, բայց ցուրտ էր։

— Դուք ի՞նչ եք խմելու,— հարցրեց Ռավիկը։

— Ամեր Պիկոն։ Այս ժամերին, դրանից բացի, ուրիշ բան չեմ խմում։

— Իսկ ես մի մեծ բաժակ «ֆինշամպայն» կվերցնեմ։

Ռավիկը հանգիստ նստած, ամբողջ կրծքով շնչում էր։ Ի՜նչ բան է թարմ օդը։ Ծառերի ճյուղերին, որ կախված էին մայթի վրա, արդեն ուռել էին դարչնագույն փայլփլող բողբոջները։ Թարմ հացի և երիտասարդ գինու բուրմունք էր զգացվում։ Քելները բաժակները բերեց։

— Ձեր հեռախոսը որտե՞ղ է,— հարցրեց Ռավիկը։

— Ներսում, աջ կողմի վրա՝ զուգարանի կողքին։

— Բայց...— ասաց ոստիկանը։

Ռավիկը նրա բուռը խրեց քսանֆրանկանոց թղթադրամը։

— Ես մի կնոջ պետք է զանգահարեմ, մի՞թե չեք հասկանում։ Չեմ փախչի, մի վախեցեք։ Կարող եք հետս գալ։ Եկեք գնանք։

Ոստիկանը երկար չտատանվեց։

— Գնանք,— ասաց նա և տեղից կանգնեց։— Մարդը վերջին հաշվով մարդ է։

— Ժոան...

— Ռավի՞կ։ Աստվա՜ծ իմ։ Որտե՞ղ ես։ Բա՞ց են թողել։ Ասա, որտե՞ղ ես...

— Բիստրոյում...

— Կատակներդ թող։ Լուրջ ասա, որտե՞ղ ես հիմա։

— Ես բիստրոյում եմ։

— Բայց որտե՞ղ։ Դու այլևս բանտո՞ւմ չես։ Այս ամբողջ ժամանակ որտե՞ղ էիր։ Մորոզովը...

— Նա քեզ բոլորը ճիշտ է ասել։

— Նա ինձ ոչ մի անգամ չասաց, թե քեզ ուր են տարել։ Այլապես ես իսկույն...

— Հենց դրա համար էլ չի ասել, Ժոան։ Այդպես ավելի լավ է։

— Բա ինչո՞ւ ես բիստրոյից զանգում։ Ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ։

— Ես քեզ մոտ գալ չեմ կարող։ Իմ ժամանակը շատ կարճ է։ Հազիվ կարողացա ոստիկանին համոզել մի քանի րոպեով այստեղ մտնելու համար։ Ժոան, մոտ օրերս ինձ ուղարկելու են Շվեյցարիա, բայց...— Ռավիկը նայում էր հեռախոսային բուդկայի ապակու լուսամուտից։ Նրան ուղեկցող ոստիկանը, կանգնակին կռթնած, ինչ-որ մեկի հետ զրույցի էր բռնվել,— բայց ես անմիջապես ետ եմ գալու այնտեղից։— Նա փոքր֊ինչ լռեց։— Ժոան...

— Ես գալիս եմ քեզ մոտ։ Այս րոպեիս ես քեզ մոտ եմ գալիս։ Ասա, որտե՞ղ ես։

— Դու չես հասցնի գալ։ Մինչև ինձ մոտ կես ժամվա մեքենայի ճանապարհ է։ Իսկ իմ տրամադրության տակ ընդամենը մի քանի րոպե է մնացել։

— Ոստիկանին մի կերպ համոզիր, մի քիչ էլ մնացեք։ Փող տուր։ Ես հետս փող կբերեմ։

— Ժոան,— ասաց Ռավիկը։— Դա հնարավոր բան չէ... Մի գա... Այսպես ավելի հեշտ է... Ավելի լավ է։

Նա լսափողում զգում էր Ժոանի շնչառությունը։

— Դու չե՞ս ուզում ինձ տեսնել,— ստիպված հարցրեց Ժոանը։

Դա շատ ծանր էր, ուղղակի անտանելի։ Ի՞նչ միտք ուներ զանգել, մտածեց Ռավիկը։ Մարդ ինչպե՞ս կարող է որևէ բան մի ուրիշին հասկացնել, առանց նրա աչքերին նայելու։

— Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում, բացի քեզ տեսնելուց, ժոան։

— Այդ դեպքում արի, արի ինձ մոտ։ Թող ոստիկանը նույնպես գա հետդ։

— Դա հնարավոր բան չէ։ Արի վերջացնենք։ Միայն ասա տեսնեմ, ի՞նչ ես անում։

— Ի՞նչ։ Ինչ ես անո՞ւմ։

— Հագիդ ի՞նչ կա։ Որտե՞ղ ես գտնվում։

— Իմ սենյակում։ Անկողնու մեջ եմ։ Երեկ շատ ուշ վերադարձա։ Ես կարող եմ մի րոպեում հագնվել ու անմիջապես գալ։

Երեկ շատ ուշ վերա դարձա... Շատ ճիշտ է։ Ամեն ինչ իր ձևով առաջ է գնում, եթե նույնիսկ քեզ բանտ են նստեցնում։ Որքա՜ն շուտ է ամեն ինչ մոռացվում։ Անկողին, քնաթաթախ Ժոան, մազերը խռիվ թափված բարձի վրա, գուլպաներր գցած աթոռին, սպիտակեղենը, իրիկնային շորը — այդ ամենը կարծես աչքի առաջ լինի... Հեռախոսային բուդկայի շնչառությունից քրտնած ապակիներ։ Ոստիկանի անսահմանորեն հեռու նահանջած գլուխ, որ կարծես ակվարիումում լողալիս լիներ... Ռավիկն իրեն հավաքելով ասաց.

— Ժոան, վերջացնենք խոսակցությունը, այլևս ժամանակ չկա։

Նրա ականջին հասավ Ժոանի շփոթահար ձայնը։

— Դա անհնար է։ Դու չես կարող հենց այդպես գնալ։ Ես չգիտեմ քեզ ուր են տանում, չգիտեմ դու ինչպես ես...

Նա անկողնում նստեց, բարձը նետեց մի կողմ, հեռախոսի լսափողը բռնած՝ ինչպես ինքնապաշտպանության մի զենք և ինչպես թշնամի... նրա ուսերը, նրա խոր, հուզմունքից մթնած աչքերը...

— Ես հո պատերա՞զմ չեմ գնում։ Ես պարզապես գնում եմ Շվեյցարիա։ Եվ շուտով էլի կվերադառնամ։ Համարիր, որ ես գործարար մարդ եմ և ուզում եմ Ազգերի լիգային մի մեծ պարտիա գնդացիր վաճառեմ։

— Երբ վերադառնաս, նորից նույն պատմությունն է լինելու։ Ես սարսափից կմեռնեմ։

— Ապա նորից կրկնիր ասածդ։

— Ես դա ճիշտ եմ ասում։ Այո, կմեռնեմ։ Նրա ձայնի մեջ զայրույթի երանգ կար։— Ամեն ինչ ես վերջինն եմ իմանում։ Վեբերը կարող է քեզ այցելության գալ, իսկ ես՝ չեմ կարող։ Մորոզովին դու զանգել ես, ինձ՝ չէ։ Իսկ հիմա էլ գնում ես...

— Տե՜ր իմ աստված,— ասաց Ռավիկը։— Արի կռիվ չսարքենք, Ժոան։

— Ես կռիվ չեմ սարքում։ Ասում եմ այն, ինչ որ կա։

― Դե լավ, ես վերջացնում եմ։ Ցտեսություն, Ժոան։

— Ռավի՜կ,— բղավեց նա,— Ռավի՜կ։

— Ի՞նչ է, Ժոան։

— Կվերադառնաս։ Անպայման կվերադառնաս։ Ես առանց քեզ կորած եմ, Ռավիկ։

— Կվերադառնամ, Ժոան։

— Խոստացիր․․․ խոստացիր ինձ, Ռավիկ։

— Ցտեսություն, Ժոան։ Ես շուտով կվերադառնամ։

Ռավիկը մի վայրկյան մնաց հեռախոսային նեղ և տոթ բուդկայում։ Հետո նկատեց, որ լսափողը դեռ սեղմված է ձեռքում։ Նա բացեց դուռը։ Ուղեկցող ոստիկանը նայեց նրա երեսին։

— Վերջացրի՞ք,— բարեհոգի քմծիծաղով հարցրեց նա։

— Այո։

Նրանք նորից վերադարձան իրենց սեղանի մոտ։ Ռավիկը խմեց իր բաժակը։ Ես չպետք է զանգեի, մտածեց նա։ Մինչև այդ ես հանգիստ էի։ Հիմա ամեն ինչ մեջս ալեկոծվեց։ Ես պետք է իմանայի, որ հեռախոսային խոսակցությունից ավելի լավ բան չէր էլ կարելի սպասել։ Ոչ ինձ համար և ոչ էլ Ժոանի։ Նա ուզում էր նորից վերադառնալ հեռախոսի մոտ, զանգել Ժոանին և ասել այն ամենը, ինչ դեռ սկզբից էր ուզում ասել։ Ուզում էր բացատրել, թե ինչու ինքը նրան տեսնել չի կարող։ Հասկացնել, որ ինքը չի ուզում այս տեսքով կանգնել նրա առաջ — բանտարկյալի կեղտոտ, ցեխոտ հագուստով։ Բայց նա դուրս կգա այս անգամ ևս, և ամեն ինչ նորից կլինի այնպես, ինչպես առաջ էր։

— Ես կարծում եմ, որ մեր գնալու ժամանակն է,— ասաց ուղեկցող ոստիկանը։

— Այո, գնանք...

Ռավիկը գլխի շարժումով կանչեց քելներին։

— Ինձ տվեք երկու փոքրիկ շիշ կոնյակ, թերթեր, ինչքան ստանում եք, և մի տասներկու տուփ «Կապորալ»։ Հաշիվը նույնպես բերեք։

Ռավիկը նայեց ուղեկցող ոստիկանին։

— Թույլ կտաք չէ՞, դրանք հետս տանեմ բանտ։

— Մարդը մարդ է,— ասաց ոստիկանը։

Քելները կոնյակն ու սիգարետները բերեց։

― Խցաններն հանեք,— ասաց Ռավիկը, սիգարետի տուփերը դնելով գրպանները։

Հետո խցաններն այնպես նորից խրեց շշերի բերանները, որ հետագայում առանց խցանահանի կարողանա բացել։ Այդ արարողությունը վերջացնելուց հետո նա շշերը դրեց վերարկուի ներսի գրպանը։

— Լավ եք դասավորում,— ասաց ուղեկցող ոստիկանը։

— Վարժվելու բան է, թեև ցավալի։ Ես նույնիսկ երեխա ժամանակս չէի հավատա, որ ծերությանս օրերին նորից եմ հնդկացու դեր կատարելու։


Լեհն ու գրողը անսահման ուրախացան կոնյակի համար։ Մոնտյորը ոգելից խմիչքներ չէր գործածում։ Նա գարեջրի սիրահար էր և հավատացնում էր, որ Բեռլինի գարեջրին գարեջուր չի հասնի։ Ռավիկը պառկել էր մահճակալի վրա և թերթ էր կարդում։ Լեհը չէր ընթերցում, նա ֆրանսերեն բոլորովին չգիտեր։ Բայց ծխում էր և երջանիկ էր սիգարետի համար։ Մոնտյորը գիշերն սկսեց լաց լինել։ Ռավիկն արթուն էր։ Նա լսում էր մոնտյորի խուլ հեկեկոցները և անքթիթ նայում փոքրիկ լուսամուտին, որի հետևում առկայծում էր գունատ երկինքը։ Քունը մոտ չէր դալիս նրա աչքերին։ Նա չկարողացավ քնել նույնիսկ այն ժամանակ, երբ մոնտյորն արդեն հանդարտվել էր։ Երևի առաջ շատ լավ է ապրել, մտածեց Ռավիկը։ Ամեն ինչ ունեցել է, իսկ հիմա ոչինչ չունի, ահա և ցավ է զգում։