Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն երկրորդ: Ռազմաճակատում

Գրապահարան-ից

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները
◀ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն առաջին: Թիկունքում Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն երրորդ: Փառահեղ քոթակ ▶

Շվեյկի ձախորդությունները գնացքում

Պրագա ― Չեխական Բուդեյովիցի ճեպընթաց գնացքի երկրորդ կարգի կուպեներից մեկում կային երեք ուղևորներ՝ պորուչիկ Լուկաշը, նրա դիմաց տարեց, բոլորովին ճաղատ մի պարոն և, վերջապես, Շվեյկը, որը համեստորեն կանգնած էր դռան մոտ և ակնածանքով լսում էր պորուչիկ Լուկաշի հայհոյանքների վերջին հեղեղը։ Պորուչիկ Լուկաշը, ուշադրություն չդարձնելով ճաղատ քաղաքացու ներկայության վրա, ամբողջ ճանապարհին գոռգոռում էր, թե Շվեյկը անասուն է և նման այլ բաներ։

Խոսքը վերաբերվում էր մի չնչին բանի՝ այն ճամպրուկների թվին, որոնց վրա պետք է հսկեր Շվեյկը։

— Մեր ճամպրուկը գողացա՜ն,— հայհոյում էր Շվեյկին պորուչիկը,— ինչպե՞ս է լեզուդ պտտվում, սրիկա, ինձ այդ մասին զեկուցել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ ցածր ձայնով պատասխանեց Շվեյկը,— որ իսկապես գողացան։ Միշտ էլ կայարանում շատ ժուլիկներ են վխտում, և, երևի, նրանցից որևէ մեկին մեր ճամպրուկն անկասկած դուր է եկել, և նա անկասկած օգտվել է այն պահից, երբ ես ճամպրուկներից հեռացա ձեզ զեկուցելու, թե մեր բագաժը կարգին վիճակում է։ Այդ սուբյեկտը կարող էր ձեր ճամպրուկը գողանալ հենց այդ՝ իր համար հարմար պահին։ Նրանք հենց այդպիսի պահեր են որսում։ Երկու տարի առաջ Հյուսիս-Արևմտյան կայարանում գողացան մի տիկնոջ մանկասայլակն ու վերմակով փաթաթած աղջկան, բայց գողերն այնքան ազնիվ գտնվեցին, որ աղջկան հանձնեցին մեր փողոցի ոստիկանատանը, հայտարարելով, թե իբր երեխան գցված էր մի դարպասի մոտ և իրենք հենց այնտեղ էլ գտել են։ Հետո թերթերը խեղճ տիկնոջը ոճրագործ մայր դուրս բերին։— Եվ Շվեյկը խորին համոզմամբ եզրափակեց.— Կայարաններում գողություն միշտ էլ արել են և կանեն, առանց դրան չի լինի։

— Ես խորապես համոզված եմ, Շվեյկ,— ասաց պորուչիկը,— որ ձեր վերջը վատ կլինի։ Մինչև օրս չեմ կարողանում հասկանալ՝ ձեզ էշի՞ տեղ եք դնում թե հենց էշ էլ ծնվել եք։ Ի՞նչ կար այն ճամպրուկի մեջ։

— Գրեթե ոչինչ, պարոն օբեր-լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը, աչքը չհեռացնելով պորուչիկի դիմաց նստած ճաղատ քաղաքացու գանգից։ Թվում էր, թե քաղաքացին ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում տեղի ունեցածի նկատմամբ, և կարդում էր «Նոյե Ֆրայե Պրեսսե» թերթը։— Ճամպրուկի մեջ միայն ձեր սենյակի հայելին էր և նախասենյակի երկաթե կախարանը, այնպես որ, իսկապես ասած, մենք ոչ մի վնաս չենք ունեցել, որովհետև հայելին էլ, կախարանն էլ տանտիրոջն էին…— Նկատելով պորուչիկի սպառնալից ժեստը, Շվեյկը շարունակեց փաղաքշական տոնով.— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես նախապես ոչինչ չգիտեի, թե ճամպրուկը կարող են գողանալ, իսկ ինչ վերաբերվում է հայելուն ու կախարանին, ապա ես տանտիրոջն ասացի, որ ռազմաճակատից տուն վերադառնալուց հետո ամեն ինչ կվերադարձնենք։ Թշնամու հողերում ինչքան ասեք հայելի ու կախարան կա, այնպես որ, միևնույն է, ո՛չ մենք, ո՛չ էլ տանտերը վնասի տակ չենք մնա։ Հենց որ մի քաղաք գրավենք…

— Ձա՛յնդ,— օտարոտի ձայնով ծղրտաց պորուչիկը։— Ես ձեզ դաշտային դատարանի ձեռքը կտամ։ Մտածեք ի՛նչ եք ասում, եթե միայն ձեր գլխում խելքի կտոր կա։ Մի ուրիշը հազար տարում չէր կարող այնքան հիմարություններ անել, որքան դուք այս մի քանի շաբաթվա ընթացքում։ Հուսամ, դուք դա նկատել եք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, նկատել եմ։ Իմ մեջ, ինչպես ասում են, խիստ զարգացած է դիտելու և նկատելու տաղանդը, որը, սակայն, արտահայտվում է հենց այն ժամանակ, երբ արդեն ուշ է և երբ արդեն բանը բանից անցել է։ Ես շատ ձախորդ մարդ եմ, ինչպես Նեկազանկայում ապրող Նեխլեբան, որ հաճախում էր «Քած շան անտառակ» պանդոկը։ Նա միշտ երազում էր առաքինի մարդ դառնալ և ամեն շաբաթ օր նորից նոր կյանք էր սկսում, իսկ հաջորդ օրը պատմում. «Իսկ առավոտյան, ընկերներ, նկատեցի, որ պառկած եմ նարի վրա»։ Եվ միշտ էլ, հակառակի պես, նրա գլխին փորձանք էր գալիս հենց այն ժամանակ, երբ որոշում էր, որ իր համար սուսուփուս տուն կգնա։ Վերջում, այնուամենայնիվ, պարզվում էր, որ նա որևէ տեղ քանդել է ցանկապատը, կամ լծարձակել է կառքի ձին, կամ փորձել է իր ծխամորճը մաքրել ոստիկանի սաղավարտի ցցունքից պոկած աքլորափետուրով։ Այդ ամենի պատճառով Նեխլերան հուսահատված էր, բայց նրան առանձնապես սրտնեղում էր, որ իր ամբողջ ցեղն է այդպես ձախորդ։ Մի անգամ նրա պապը գնացել էր աշխարհե աշխարհ թափառելու…

— Հանգիստ թողեք ինձ, Շվեյկ, ձեր այդ պատմություններով։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբերլեյտենանտ, որ այն ամենը, ինչ ես հիմա ասում եմ, զուտ ճշմարտություն է։ Գնացել էր, ուրեմն, նրա պապը աշխարհե աշխարհ թափառելու…

— Շվե՛յկ,— զայրացավ պորուչիկը,— մի անգամ ևս ձեզ հրամայում եմ վերջ տալ ձեր շաղակրատությանը։ Բուդեյովիցի հասնելուն պես ես ձեր դատաստանը կտեսնեմ։ Կալանքի տակ կառնեմ։ Դա գիտե՞ք։

— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, չգիտեմ,— մեղմաբար ասաց Շվեյկը։— Դուք այդ մասին նույնիսկ ծպտուն չեք հանել։

Պորուչիկն ակամա կրճտացրեց ատամները, հառաչեց, շինելի գրպանից հանեց «Բոհեմիա» թերթը և սկսեց կարդալ այն հաղորդագրությունները, որ վերաբերվում էին գերմանական «Ե» սուզանավի վիթխարի հաղթանակներին և Միջերկրական ծովում ծավալած գործողություններին։ Երբ նա հասավ, այն հաղորդագրությանը, որ վերաբերվում էր գերմանական նոր գյուտին, այսինքն սավառնակներից նետվող և երեք անգամ իրար հետևից պայթող ռումբերի միջոցով քաղաքները հօդս ցնդեցնելուն, նրա ընթերցումն ընդհատեց Շվեյկը, որ խոսում էր ճաղատ քաղաքացու հետ։

— Կներեք, պարոն, արդյոք դուք «Սլավիա» բանկի գործակալ պարոն Պուրկրաբեկը չե՞ք։

Պատասխան չստանալով, նա դիմեց պորուչիկին․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն, օբեր-լեյտենանտ, ես մի անգամ թերթերում կարդացել եմ, որ նորմալ մարդու գլխին միջին հաշվով վաթսունից մինչև յոթանասուն հազար մազ պիտի լինի և որ սևահերների մազերը սովորաբար ավելի նոսր են լինում, այդ բանն հաստատող շատ օրինակներ կան․․․ Իսկ մի բուժակ,— շարունակեց նա անողոքաբար,— «Շպիրեկ» սրճարանում ասում էր, թե մարդուս մազերը թափվում են ծննդյան առաջին վեց շաբաթվա ընթացքում, հոգեկան ուժեղ ցնցումից։

Այդ պահին տեղի ունեցավ զարհուրելի մի բան։ Ճաղատ պարոնը տեղից վեր թռավ ու գոռաց Շվեյկի վրա.

— Marsch heraus, Sie Schweinkerl![1],— և ոտքով այհպես հարվածեց նրան, որ երկուսով էլ դուրս նետվեցին միջանցք։ Հետո ճաղատ պարոնը ետ եկավ և պորուչիկին մատուցեց մի փոքրիկ անակնկալ ներկայանալով նրան։

Շվեյկը փոքր-ինչ սխալվել էր. ճաղատ անձնավորությունը ոչ թե «Սլավիա» բանկի գործակալ պան Պուրկրաբեկն էր, այլ ոչ ավելի, ոչ պակաս գեներալ-մայոր Շվարցբուրգը։ Գեներալ-մայորը քաղաքացիական հագուստով տեսչական ուղևորություն էր կատարում կայազորից կայազոր և տվյալ պահին պատրաստվում էր հանկարծակի հայտնվել Բուդեյովիցիում։

Նա ամենասարսափելի գեներալ-տեսուչն էր, որ երբևէ ծնվել է լուսնի տակ։ Որևէ տեղ անկարգություն հայտնաբերելիս նա կայազորի պետի հետ սկսում էր այսպիսի խոսակցություն.

— Դուք ատրճանակ ունե՞ք։

— Ունեմ։

— Շա՛տ գեղեցիկ։ Եթե ես ձեր տեղը լինեի՝ կիմանայի, թե ինչ պետք է անել այդ ատրճանակով։ Սա կայազոր չէ, այլ խոզերի բոլուկ։

Եվ, հիրավի, նրա տեսչական ուղևորությունից հետո մերթ այստեղ, մերթ այնտեղ որևէ մեկը ինքնասպանություն էր գործում։ նման դեպքերում գեներալ ֆոն Շվարցբուրգը հավաստում էր․

― Ճի՛շտ է վարվել, իսկական զինվոր է։

Թվում էր, թե նրա սրտովը չէր, երբ իր ռևիզիայից հետո որևէ մեկը ողջ էր մնում։ Բացի դրանից, նա տառապում էր սպաներին ամենանողկալի վայրեր, տեղափոխելու մոլագարությամբ։ Բավական էր չնչին մի զանցանք, որպեսզի սպան հրաժեշտ տար իր կայազորին և ուղարկվեր Չերնոգորիայի սահմանը կամ գալիցիական որևէ կեղտոտ ծայրագավառում գտնվող իսպառ մոռացված մի կայազոր։

— Պարոն պորուչիկ,— հարցրեց գեներալը,— դուք զինվորական ո՞ր ուսումնարանում եք սովորել։

— Պրագայի։

— Եվ այդպես, դուք սովորել եք զինվորական ուսումնարանում և չգիտեք, որ սպան պատասխանատու է իր ստորադրյալի համար։ Լա՛վ։ Երկրորդ, դուք շաղակրատում եք ձեր սպասյակի հետ, կարծես նա ձեր մտերիմ ընկերը լինի։ Թույլ եք տալիս, որ նա խոսի, երբ նրան չեն խոսեցնում։ Ավելի՛ լավ։ Երրորդ, դուք նրան թույլ եք տալիս վիրավորել մեր պետերին… Է՛լ ավելի լավ։ Այդ բոլորից ես անում եմ որոշ եզրակացություններ… Ձեր ազգանունն ի՞նչ է, պարոն պորուչիկ։

— Լուկաշ։

— Ո՞ր գնդից եք։

— Ես ծառայում էի․․․

― Ներողություն կանեք։ Խոսքս այն մասին չէ, թե որտեղ էիք ծառայել։ Ես ուզում եմ իմանալ, թե որտեղ եք ծառայում ներկայումս։

― Իննսունմեկերորդ հետևակ գնդում, պարոն գեներալ-մայոր։ Ինձ տեղափոխել են…

— Ձեզ տեղափոխե՞լ են։ Լավ էլ արել են։ Ձեզ համար բնավ վնասակար չի լինի Իննսունմեկերորդ գնդի հետ միասին մոտ ժամանակներս տեսնել ռազմական գործողությունների թատերաբեմը։

― Այդ մասին արդեն որոշում կա, պարոն գեներալ-մայոր։

Այստեղ գեներալ-մայորը մի դասախոսություն կարդաց, թե վեջերս սպաները, ինչպես ինքը նկատել է, սկսել են իրենց ստորադրյալների հետ ընկերական տոնով խոսել, թե ինքը դրա մեջ տեսնում է վտանգավոր մի թեքում, դեպի զանազան դեմոկրատական սկզբունքների զարգացումը։ Զինվորին պետք է ահ ու սարսափի մեջ պահել, նա պետք է դողա պետի առաջ, նրանից վախենա։ Սպաները պարտավոր են զինվորներին իրենցից տասը քայլ հեռու պահել և թույլ չտալ, որ նրանք սեփական դատողություններ ունենան և առհասարակ մտածեն։ Վերջին տարիների ողբերգական սխալն այն է, որ հենց դրա հակառակն է արվում։ Նախկինում ստորադրյալները սպաներից վախենում էին, ինչպես կրակից, իսկ հիմա․․․― Գեներալ-մայորը անհուսաբար ձեռքը թափ տվեց,— հիմա սպաների մեծ մասը զինվորների գլխով պտույտ է գալիս, ահա թե ինչ կասեի ես։

Գեներալ-մայորը նորից ձեռքն առավ թերթը և խորասուզվեց ընթերցանության մեջ։

Պորուչիկ Լուկաշը, գույնը գցած, դուրս եկավ միջանցք, որ Շվեյկի հետ հաշիվ տեսնի։ Շվեյկը կանգնած էր լուսամատի մոտ՝ մի այնպիսի երջանիկ ու գոհ արտահայտությամբ, որպիսին ունենում է միայն կաթը կուշտ ծծած և մուշ-մուշ քնած մանկիկը։

Պորուչիկը կանգ առավ և գլխի շարժումով նրան ցույց ավեց մի դատարկ կուպե։ Հետո Շվեյկի հետևից ինքն էլ ներս մտավ և դուռը փակեց։

— Շվե՛յկ,— ասաց նա հանդիսավորապես,— վերջապես հասավ այն պահը, երբ դուք ինձնից կստանաք մի զույգ այնպիսի ապտակ, որ աշխարհը դեռ չի տեսել։ Ինչպե՞ս համարձակվեցիք կպչել այդ քաչալ պարոնին։ Գիտե՞ք ով է նա։ Դա գեներալ-մայոր ֆոն Շվարցբուրգն է։

Շվեյկը նահատակի տեսք ընդունեց։

— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, կյանքումս, երբեք մտքովս չի անցել որևէ մեկին վիրավորել, ես ոչ մի գեներալ-մայորի մասին գաղափար անգամ չունեի։ Իսկ նա, իրոք, իսկը «Սլավիա» բանկի գործակալ պան Պուրկրաբեկն է։ Այդ Պուրկրաբեկը հաճախում էր մեր պանդոկը, և մի անգամ, երբ սեղանի մոտ նստած քնեց, մի սրտացավ մարդ նրա ճաղատ գլխի վրա թանաքի մատիտով գրեց, «Սույնով, համաձայն կից ներկայացվող № 111 տարիֆի, մեզ թույլ ենք տալիս ձեզ առաջարկել մեր ծառայությունները օժիտի համար միջոցներ կուտակելու և ձեր երեխաներին ապահովելու նպատակով ձեր կյանքը ապահովագրելու գործում»։ Դեհ, հասկանալի է, բոլորը գնացին, և ես ու նա մենակ մնացինք։ Իսկ, հայտնի բան է, որ իմ բախտը երբեք չի բերում։ Երբ նա արթնացավ ու նայեց հայելուն, կատաղեց ու կարծեց, թե դա ես եմ գրել, և նույնպես ուզում էր ինձ մի զույգ ապտակ հասցնել։

«Նույնպես» բառը Շվեյկի բերանից հնչեց այնպես սրտառուչ և այնպիսի մեղմ կշտամբանքով, որ պորուչիկի ձեռքերը թուլացան։

Շվեյկը շարունակեց․

— Այդպիսի փոքր սխալի համար կարիք չկար, որ այդ պարոնը հուզվեր։ Իրոք, նա պետք է ունենա վաթսունից մինչև յոթանասուն հազար մազ։ Այդպես էր ասված «Ինչ պետք է ունենա նորմալ մարդը» հոդվածում։ Երբեք մտքովս չի անցել, որ աշխարհիս երեսին գոյություն ունի ինչ-որ ճաղատ գեներալ-մայոր։ Տեղի է ունեցել, ինչպես ասում են, ճակատագրական սխալ, որ ամեն մարդ կարող է կատարել, երբ հանկարծ մի բան ասի, իսկ մի ուրիշը նրա ամեն մի բառի պոչից կպչի։ Սրանից մի քանի տարի առաջ դերձակ Գիվլը իր կյանքից մի այսպիսի դեպք պատմեց։ Մի անգամ Շտիրիայից, ուր նա դերձակություն էր անում, Լեոբենի վրայով գնում է Պրագա, և հետը տանելիս է լինում ապխտած ազդրեր, որ գնելէր Մարիբորում։ Գնում է գնացքում նստած և միտք անում, թե ինքը ուղևորների մեզ միակ չեխն է։ Երբ Սուրբ Մորից կայարանն անցնում են, դերձակն սկսում է ապխտած ազդրերից իր համար պատառներ կտրատել։ Իսկ նրա դիմաց նստած է մի ուղևոր, որը այդ խոզապուխտին նայում է սիրահարի հայացքով, այնպես որ թուքը գնում է։ Դերձակ Գիվլը դա նկատում է և ինքն իրեն բարձրաձայն ասում. «Համա թե, քոսոտի մեկը, հաճույքով կլափեիր»։ Եվ ահա պարոնը նրան պատասխանում է չեխերեն, «Իհարկե, կլափեի, եթե տայիր»։ Եվ երկուսով ամբողջ խոզապուխտը լափում են դեռ մինչև Չեխական Բուդեյովիցի չհասած։ Իսկ այն պարոնի անունն էր Վոյտեխ Ռոուս։

Պորոլչիկ Լուկաշը նայեց Շվեյկին և կուպեից դուրս եկավ։ Նա դեռ չէր էլ նստել իր տեղը, երբ դռան առաջ հայտնվեց Շվեյկի սրտաբաց ու շիտակ դեմքը․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հինգ րոպեից կլինենք Թաբորում։ Գնացքը կանգնում է հինգ րոպե։ Չէի՞ք հրամայի ընթրիքի համար մի բան պատվիրել։ Մի ժամանակ այստեղ կարելի էր ճարել լավ․․․

Պորուչիկը խայթվածի նման վեր թռավ նստած տեղից և միջանցքում Շվեյկին ասաց.

— Նորից եմ նախազգուշացնում, որ որքան քիչ երևաք աչքիս, այնքան ավելի լավ։ Երջանիկ կլինեի, եթե ձեզ բոլորովին չտեսնեի, և, համոզված եղեք, որ ես այդ մասին կհոգամ։ Աչքիս չերևաք, չքվեցեք, անասո՛ւն, ապո՛ւշ։

— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։

Շվեյկը պատիվ տվեց, ըստ բոլոր կանոնների շրջվեց կրունկների վրա և գնաց վագոնի վերջին ծայրը։ Այնտեղ նա նստեց կոնդուկտորի տեղում և սկսեց խոսել ինչ-որ երկաթուղայինի հետ։

— Թույլ տվեք ձեզ դիմել մի հարցով։

Երկաթուղայինը, խոսակցություն սկսելու ոչ մի ցանկություն չցուցաբերելով, անտարբեր կերպով գլխով արեց։

— Ինձ հաճախ հյուր էր գալիս մի ծանոթ մարդ,— սկսեց Շվեյկը,— լավ տղա էր, ազգանունը Հոֆման։ Ահա այդ Հոֆմանը պնդում էր, թե այս արգելակները տագնապի դեպքում չեն գործում, կարճ ասած, եթե բռնակը քաշես՝ ոչինչ դուրս չի գա։ Ես, ճիշտն ասած, այդպիսի բաներով երբեք չեմ հետաքրքրվել, բայց քանի որ այսօր ուշադրություն դարձրի այս արգելակի վրա, ապա հետաքրքիր կլիներ իմանալ, թե բանն ինչումն է, մեկ էլ տեսար, մի օր պետք եկավ։

Շվեյկը վեր կացավ և երկաթուղայինի հետ միասին մոտեցավ արգելակին, որի վրա գրված էր․ «Վտանգի դեպքում»։

Երկաթուղայինն իր պարտքը համարեց Շվեյկին բացատրել վթարային ապարատի ամբողջ կառուցվածքը.

— Նա ձեզ ճիշտ է ասել, թե բռնակը պետք է ձգել, բայց փչել է, թե դա չի գործում։ Գնացքն անպայման կկանգնի, որովհետև արգելակը բոլոր վագոնների միջով միացած է շոգեկառքին։ Վթարային արգելակը պետք է գործի։

Այդ խոսակցության միջոցին երկուսն էլ ձեռքները դրել էին բռնակի վրա, և հիրավի հանելուկ է, թե ինչպես պատահեց, որ բռնակը հետ գնաց և գնացքը կանգ առավ։

Նրանք երկուսով ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս, թե իսկապես ով տվեց տագնապի ազդանշանը։ Շվեյկը պնդում էր, թե ինքն այդպիսի բան չէր կարող անել, քանի որ փողոցային երեխա չէ։

— Ինքս էլ եմ զարմանում,— բարեհոգաբար ասաց նա վրա հասած կոնդուկտորին,— թե, ախր, ինչու գնացքը հանկարծ կանգ առավ։ Գնում էր, գնում, և հանկարծ, ա՛ռ քեզ,— ստոպ։ Ինձ համար դա շատ ավելի տհաճ է, քան ձեզ համար։

Մի պատկառելի պարոն սկսեց պաշտպանել երկաթուղայինին, պնդելով, որ իր ականջով լսել է, թե ինչպես զինվորն առաջինն է խոսք բացել վթարային արգելակների մասին։

Սակայն Շվեյկը շարունակ կրկնում էր, թե ինքը միանգամայն ազնիվ է և ոչ մի շահագրգռություն չունի գնացքն ուշացնելու, քանի որ գնում է ռազմաճակատ։

— Կայարանապետը ձեզ ամեն ինչ կբացատրի,— որոշեց կոնդուկտորը։— Դա ձեզ վրա քսան կրոն կնստի։

Այդ միջոցին ուղևորները դուրս էին թափվում վագոններից, լսվեց օբեր-ուղեկցորդի սուլիչի ձայնը, և մի տիկին, ճամպրուկը ձեռքին, գծի վրայով խուճապահար վազ տվեց դեպի դաշտը։

— Եվ արժե,— ասաց Շվեյկը, պահպանելով կատարյալ հանգստություն,― քսան կրոնը նույնիսկ էժան է։ Մի անգամ, երբ թագավոր կայսրը այցելեց Ժիժկով քաղաքը, ոմն Ֆրանտա Շնոր կանգնեցրեց նրա կառեթը, վազելով և ուղղակի փողոցի մեջտեղում ծունկի գալով թագավոր կայսրի առաջ։ Հետո այդ շրջանի ոստիկանական կոմիսարը լաց լինելով Շնորին կշտամբում ու ասում էր, թե նա պետք է ծունկի գար ոչ թե նրա շրջանում, այլ հարևան փողոցում, որը մտնում է կոմիսար Կառուսի շրջանի մեջ, այնտեղ պետք է արտահայտեր հավատարիմ հպատակի իր զգացմունքները։ Հետո Շնորին նստեցրին։

Շվեյկը նայեց շուրջը հենց այն, պահին, երբ նրան լսողների խմբին մոտեցավ ավագ կոնդուկտորը։

― Դե լավ, շարունակենք մեր ճանապարհը,― ասաց Շվեյկը,— գնացքի ուշանալուց օգուտ չկա։ Եթե դա պատահեր խաղաղ ժամանակ, ապա, խնդրեմ, աստված իր հետ, բայց քանի որ պատերազմ է, պետք է իմանալ, որ յուրաքանչյուր գնացքում կան զինվորական բարձրաստիճան անձինք՝ գեներալ-մայորներ, ավագ լեյտենանտներ, սպասյակներ։ Այդպիսի ամեն մի ուշացում վտանգավոր բան է։ Նապոլեոնը Վաթերլոյի ժամանակ հինգ րոպե ուշացավ և իր ամբողջ փառքով արտաքնոցի բաժին դարձավ։

Այդ պահին լսողների խումբը ճեղքելով նրան մոտեցավ պորուչիկ Լուկաշը։ Մեռելի պես գունատ, նա կարողացավ ասել միայն․

― Շվե՛յկ։

Շվեյկը զինվորական պատիվ տվեց ու զեկուցեց.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ լեյտենանտ, մեղքը վրաս են գցել, թե գնացքը ես եմ կանգնեցրել։ Երկաթուղային գերատեսչությունը հիանալի՜ պլոմբներ է դրել վթարային արգելակների վրա։ Ավելի հավ է մարդ դրանց չմոտենա, թե չէ գլխին փորձանք կգա և կցանկանան քսան կրոն պոկել, ինչպես հիմա ինձնից։

Ավագ կոնդուկտորը դուրս եկավ, սուլեց, և գնացքը շարժվեց։

Ուղևորնևրը ցրվեցին ու գնացին իրենց կուպեները։ Լուկաշը այլևս ոչ մի խոսք չասաց և նույնպես գնաց իր տեղը։ Մնացին մենակ Շվեյկը, երկաթուղային ծառայողն ու կոնդուկտորը։

Կոնդուկտորը հանեց իր ծոցատետրն ու սկսեց դեպքի առթիվ արձանագրություն կազմել։ Երկաթուղայինը թշնամաբար նայում էր Շվեյկին։ Շվեյկը հարցրեց.

— Վաղո՞ւց եք ծառայում երկաթուղում։

Քանի որ երկաթուղայինը չպատասխանեց, Շվեյկն սկսեց պատմել իր ծանոթներից մեկի՝ Պրագայի մոտ, Ուգրժենևեսում ապրող ոմն Ֆրանտիշեկ Մլչիկին պատահած դեպքը։ Այդ Մլչիկն էլ մի անգամ քաշել է արգելակի բռնակը և վախից լալացել։ Խոսելու ընդունակությունը վերականգնվել է միայն երկու շաբաթ հետո, երբ նա հյուր է գնացել Գոստիվար՝ բանջարաբույծ Վանեկի տունը, այնտեղ կռիվ է գցել և նրան այնքան են տվել, որ որսամտրակը թել-թել է եղել։

― Դա տեղի է ունեցել,— ավելացրեց Շվեյկը,— հազար իննհարյուր տասներկու թվի մայիս ամսին։

Երկաթուղային ծառայողը մտավ արտաքնոց և դուռն իր հետևից փակեց։

Մնացին Շվեյկն ու կոնդուկտորը, որը ջանում էր նրանից քսան կրոն տուգանք շորթել, սպառնալով, թե հակառակ դեպքում նրան Թաբորում կհանձնի կայարանապետին։

— Ի՛նչ կա որ, շատ լավ կլինի,— ասաց Շվեյկը,— ես դեմ չեմ կրթված մարդու հետ զրուցելուն։ Շատ ուրախ կլինեմ ծանոթանալ Թաբորի կայարանապետի հետ։

Շվեյկը գիմնաստյորկայի գրպանից հանեք ծխամորճը, վառեց և, բերանից բաց թողնելով թութունի կծու ծուխը, շարունակեց.

Սրանից մի քանի տարի առաջ Սվիտավա կայարանի պետն էր պան Վագները։ Համա՜ թե անխիղճ մարդ էր։ Ամեն մի դատարկ բանի համար ստորադրյալների հոգին հանում էր, սակայն ամենից շատ նեղում էր սլաքավար Յունգվիրտին, մինչև որ խեղճը հուսահատությունից վազեց ու իրեն գցեց գետը։ Բայց կյանքին վերջ տալուց առաջ Յունգվիրտը կայարանապետին մի նամակ էր գրել, թե գիշերները պիտի վախեցնի նրան։ Ե՛ս իմ հոգին, սուտ չեմ ասում։ Եվ ասածը արեց։ Եվ ահա գիշերը կայարանապետը նստած է հեռագրական ապարատի մոտ, մեկ էլ հանկարծ հնչում է զանգը, և նա ընդունում է հետևյալ հեռագիրը. «Ի՞նչ հալի ես, սրիկա, Յունգվիրտ»։ Դա շարունակվեց մի ամբողջ շաբաթ, և կայարանապետը ի պատասխան այդ ուրվականի հեռագրի, սկսեց բոլոր ուղղություններով ուղարկել հետևյալ պաշտոնական հեռագիրը. «Ներիր ինձ, Յունգվիրտ»։ Իսկ գիշերն ապարատը նրա համար թխկթխկացրեց այսպիսի մի պատասխան. «Կախվիր կամրջի մոտի սիմաֆորից։ Յունգվիրտ»։ Կայարանա պետը կատարեց նրա պահանջը։ Հետո դրա համար ձերբակալեցին հարևան կայարանի հեռագրիչին։ Տեսնո՞ւմ եք, երկնքի և երկրի միջև այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնց մասին մենք նույնիսկ գաղափար չունենք։

Գնացքը, մոտեցավ Թաբոր կայարանին, և Շվեյկը կոնդուկտորի հետ գնացքից իջնելուց առաջ, ինչպես պահանջվում էր զեկուցեց պորուչիկ Լուկաշին.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ինձ տանում են կայարանապետի մոտ։

Պորուչիկ Լուկաշը չպատասխանեց։ Նրան համակել էր մի կատարյալ անտարբերություն։

«Թքել եմ ամեն ինչի վրա,— անցավ նրա մտքով,— և՛ Շվեյկի, և՛ դիմացս նստած ճաղատ գեներալ-մայորի վրա։ Ինձ մնում է հանգիստ նստել գնացքում, Բուդեյովիցիում իջնել գնացքից, գնալ զորանոց և առաջին իսկ երթային վաշտի հետ մեկնել ռազմաճակատ, ռազմաճակատում ճակատս դեմ անել թշնամու գնդակին և հեռանալ այս թշվառ աշխարհից, ուր Շվեյկի նման մի սրիկա է թրև գալիս»։

Երբ գնացքը կանգ առավ, պորուչիկ Լուկաշը լուսամուտից դուրս նայեց և կառամատույցում տեսավ Շվեյկին, որը կայարանապետի հետ լուրջ խոսակցությամբ էր տարված։ Նա շրջապատված էր մի բազմությամբ, որի մեջ կարելի էր նկատել երկաթուղայինների համազգեստներ։

Պորուչիկ Լուկաշը հառաչեց։ Բայց դա ափսոսանքի հառաչ չէր։ Երբ նա տեսավ, որ Շվեյկը մնաց կառամատույցում, սրտանց ուրախացավ։ Հիմա նույնիսկ ճաղատ գեներալ-մայորը նրան այնքան էլ գարշելի հրեշ չէր թվում։


Գնացքն արդեն վաղուց էր փնչում Չեխական Բուդեյովիցիի ուղղությամբ, իսկ Թաբորի կայարանի կառամատույցում Շվեյկին շրջապատող բազմությունը չէր նվազում։

Շվեյկն ապացուցում էր իր անմեղությունը և այնքան համոզեց բազմությանը, որ մի տիկին նույնիսկ ասաց․

— Դարձյալ զինվորներից են կպել։

Հասարակությունը համաձայնեց այդ կարծիքին, իսկ մի պարոն, դիմելով կայարանապետին, ասաց, թե Շվեյկի փոխարեն ինքը կվճարի քսան կրոն տուգանքը և թե համոզված է, որ այդ զինվորն անմեղ է։

— Հապա նայեցեք նրան,— ցույց տվեց նա Շվեյկի դեմքի անմեղունակ արտահայտությունը, որ կարծես բոլորին ասում էր, «Բարի՛ մարդիկ, ես մեղավոր չեմ»։

Այնուհետև հայտնվեց մի ժանդարմ, բազմության միջից դուրս, բերեց ինչ-որ քաղաքացու, ձերբակալեց ու տարավ, ասելով․ «Ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ասել է ժողովրդին գրգռել։ Ես ցույց կտամ, թե ինչպես «զինվորներից չի կարելի պահանջել, որ հաղթանակ տանեն Ավստրիայի համար, երբ նրանց հետ այդպես են վարվում»»։

Տարաբախտ քաղաքացին այլ արդարացում չգտավ, բացի այն անկեղծ խոստովանությունից, թե ինքը Ստարա Բաշնյայում մսագործ է և բոլորովին «այն չէր ուզում ասել»։

Այդ միջոցին այն բարի պարոնը, որ հավատում էր Շվեյկի անմեղությանը, կայարանի գրասենյակում նրա փոխարեն վճարեց տուգանքը, նրան տարավ երրոդ կարգի բուֆետը, հյուրասիրեց գարեջրով և, պարզելով որ Շվեյկի բոլոր վկայականները և զինվորկան երկաթուղային տոմսը գտնվում են պորուչիկ Լուկաշի մոտ, մեծահոգաբար նրան հինգ կրոն տվեց՝ տոմս գնելու և մնացած ձախքերի համար։

Հրաժեշտ տալիս նա վստահաբար Շվեյկին ասաց.

— Եթե ռուսներին գերի ընկնեք, զինվո՛ր, իմ կողմից բարև կանեք Զդոլբունովի գարեջրագործ Զեմանին։ Ահա ձեզ իմ ազգանունը։ Խելամիտ եղեք և ռազմաճակատում երկար չմնաք։

— Հանգիստ եղեք,— պատասխանեց Շվեյկը,— ամեն մարդ կուզենա ուրիշ երկրներ տեսնել, և այն էլ ձրի։

Շվեյկը մենակ մնաց սեղանի մոտ և սկսեց կամաց-կամաց խմել այն հնգանոցը, որ ստացել էր բարեգործից։

Իսկ այդ ժամանակ կառամատույցում նրանք, որ ներկա չէին եղել Շվեյկի և կայարանապետի խոսակցությանը, այլ միայն հեռվից տեսել էին հավաքված բազմությունը, իրար պատմում էին, թե մի լրտես են բռնել, որը լուսանկարում էր կայարանը։ Սակայն այդ պատմությունը հերքեց մի տիկին, ասելով, թե ոչ մի լրտես չի եղել, այլ պարզապես, ինչպես ինքը լսել է, մի դրագուն կանացի զուգարանի մոտ սրախողխող է արել մի սպայի, որը փորձել էր զոռով զուգարան խցկվել դրագունի սիրուհու հետևից, որը եկել էր իր սիրածին ճանապարհ դնելու։

Պատերազմական ժամանակի ջղագրգռության համար բնորոշ այդ ֆանտաստիկ վարկածներին վերջ դրին ժանդարմները, որոնք կայարանը մաքրեցին կողմնակի անձանցից։

Իսկ Շվեյկը շարունակում էր խմել, խանդաղատանոք մտածելով իր պորուչիկի մասին. «Տեսնես մի բան կանի՞, երբ հասնի Չեխական Բուդեյովիցի և ամբողջ գնացքում իր սպասյակին չգտնի»։

Մարդատար գնացքի ժամանումից առաջ երրորդ կարգի ռեստորանը լցվեց զինվորներով ու քաղաքացիներով։ Մեծամասնություն էին կազմում տարբեր գնդերի, զենքի տարբեր տեսակների և տարբեր ազգությունների պատկանող զինվորները։ Պատերազմի փոթորիկը նրանց բոլորին բերել հասցրել էր Թաբորի լազարեթները, և հիմա նրանք նորից ռազմաճակատ էին գնում։ Գնում էին ձեռք բերելու նոր վերքեր, նոր խեղումներ ու հիվանդություններ, գնում էին, որ Արևելյան Գալիցիայի տրտում տափարակներից մեկում իրենց համար վաստակեն մեկական փայտյա շիրիմախաչ, որի վրա դեռ շատ տարիներ հետո քամու ու անձրևի տակ կթփրտա ավստրիական զինվորի քրքրված գլխարկն իր ժանգոտած կոկարդով։ Երբեմն այդ գլխարկի վրա կթառի մի ծեր ագռավ և կմտաբերի անցած տարիների ճոխ խնջույքները, երբ այստեղ նրա համար բացված սեղանը միշտ ծածկված էր մարդկային համեղ դիակներով և ձիերի լեշերով, կմտաբերի, որ այն գլխարկի տակ, որի նմանակի վրա ինքը թառել է, ամենից համեղը մարդկային աչքերն էին…

Տառապանոք խաչվելու թեկնածուներից մեկը, որին վիրահատությունից հետո լազարեթից դուրս էին գրել, տիղմի և արյան բծերով ծածկված կեղտոտ մունդիրով, նստեց Շվեյկի կողքին։ Նվաղած, խիստ նիհար ու տրտմադեմ մի զինվոր էր դա։ Սեղանի վրա դնելով իր փոքրիկ կապոցը, նա գրպանից հանեց քրքրված քսակն ու սկսեց փողը հաշվել։ Հետո նայեց Շվեյկին ու հարցրեց․

— Magyarul?[2]

— Չեխ եմ, ընկեր,— պատասխանեց Շվեյկը,— խմել չե՞ս ուզում։

― Nem tudom, baratom[3]

— Հոգ չէ, ընկեր,— համեցեք արեց Շվեյկը, իր գարեջրով լի գավաթը հրելով տրտմադեմ զինվորի կողմը։

Զինվորը հասկացավ, խմեց ու ասաց.

— Köszönöm szivesen[4].

Այնուհետև նա նորից սկսեց աչքի անցկացնել իր քսակի պարունակությունը և ի վերջո հառաչեց։ Շվեյկը հասկացավ, որ մաջարն հաճույքով գարեջուր կպատվիրեր, բայց փողը հերիք չի անում, ուստի ինքը նրա համար մի գավաթ գարեջուր պատվիրեց։ Մաջարը նորից շնորհակալություն հայտնեց և սկսեց ձեռքերի շարժումներով ինչ-որ բան պատմել, ցույց տալով գնդակից վիրավորված իր ձեռքը, և ավելացրեց միջազգային լեզվով.

— Պիֆ-պա՛ֆ։

Շվեյկը ցավակցաբար օրորեց գլուխը, իսկ ապաքինվածների անձնախմբին պատկանող այդ տկար զինվորը ձախ ձեռքը պահեց գետնից կես մետր բարձր և, երեք մատը վեր բարձրացնելով, Շվեյկին հայտնեց, թե երեք փոքր երեխա ունի։

— Ninc ամ-ամ, ninc ամ-ամ[5],— շարունակեց նա, ցանկանալով ասել, թե նրանք տանը ուտելու բան չունեն։ Զինվորի աչքերից արցունքներ ցայտեցին, և նա աչքերը սրբեց շինելի կեղտոտ թևքով, որի վրա մի ծակ էր բացել այն գնդակը, որ նրան վիրավորել էր ի փառս հունգարացոց թագավորի։

Բոլորովին զարմանալի չէ, որ այդ զվարճանքի ընթացքում հնգանոցը կամաց-կամաց հալվում էր, և Շվեյկը դանդաղորեն, բայց աներկբա փակում էր իր ճանապարհը դեպի Չեխական Բուդեյովիցի։ Իր լազարեթից դուրս գրված մաջար զինվորի խմած ամեն գավաթից հետո Շվեյկի համար գնացքի տոմս գնելու հնարավորությունը ավելի ու ավելի անհավանական էր դառնում։ Բոլդեյովիցի գնացող մի գնացք էլ անցավ կայարանով, իսկ Շվեյկը, սեղանի մոտ նստած, դեռ լսում էր, թե ինչպես հունգարացին կրկնում էր.

— Պիֆ-պա՛ֆ… Harom gvermek, ninc ham, eljen![6].

Վերջին բառն ասելիս նա բաժակը խփեց Շվեյկի բաժակին․

— Դեհ, խմիր, մաջարի ծնունդ, մի՛ քաշվիր,— ասաց նրան Շվեյկը։— Երևի դուք մեզ այդպես չեք հյուրասիրի։

Հարևան սեղանից մի զինվոր ասաց, թե երբ իրենց 28-րդ գունդը ռազմաճակատ գնալիս հասել էր Սեգեդին, մաջարները ծաղրանքով ձեռքները վեր էին բարձրացնում, ցանկանալով հասկացնել, թե չեխերն անձնատուր են լինում։

Դա զուտ ճշմարտություն էր, սակայն, ըստ երևույթին, զինվորը վիրավորված էր այդ բանից, որը հետո սովորական երևույթ դարձավ չեխ զինվորների մեջ և որն հետագայում անում էին հենց իրենք՝ հունգարացիները, երբ արդեն զզվել էին հունգարիայի թագավորի շահերի համար տեղի ունեցող կոտորածից։

Հետո զինվորը վեր կացավ, նստեց Շվեյկի սեղանի մոտ և սկսեց պատմել, թե ինչպես իրենք Սեգեդինում հունգարացիներին մի լավ քոթակել ու դուրս են նետել մի քանի պանդոկներից։ Ըստ որում խոստովանեց, թե այդ հունգարացիները կռիվ անել կարողանում են և դանակով այնպես էին հարվածել իր մեջքին, որ անհրաժեշտ եղավ իրեն ուղարկել թիկունք՝ բուժվելու։

Հիմա զինվորը վերադառնում էր իր զորամասը, և, հավանաբար, գումարտակի հրամանատարը նրան կբանտարկի այն բանի համար, որ նա դանակի հարվածից հետո չի կարողացել մաջարի հախից գալ և բարձր պահել իր գնդի պատիվը։

— Ihre Dokumenten[7],— դիմեց Շվեյկին պարեկի պետը, մի ֆելդֆեբել, որին ուղեկցում էին չորս սվինավոր զինվորներ։

— Ես տեսնել ցեզ, շարունակ նստել, խմել, չգնալ, միայն խմել, սինվո՛ր։

— Մոտս փաստաթուղթ չկա, ջանիկ,— պատասխանեց Շվեյկը։— Իննսունմեկերորդ գնդի պորուչիկ Լուկաշը հետը տարավ, իսկ ես մնացի այստեղ կայարանում։

― Was ist das Wort «ջանիկ»[8],— գերմաներեն հարցրեց ֆելդֆեբելը իր շքախմբի անդամներից մեկին, մի ծեր աշխարհազորայինի։ Վերջինս, որ, ըստ երևույթին, դիտմամբ իր ֆելդֆեբելին ամեն ինչ սխալ էր բացատրում, հանգիստ պատասխանեց.

― «Ջանիկ»,― das Ist wie «Herr Feldwebel»[9].

Ֆելդֆեբելը նորից սկսեց խոսել Շվեյկի հետ.

— Պաստատուխտ պարտավոր ամեն սինվոր։ Աոանց պաստատուխտ նստեցնել auf Bahnhofs-Militarkommando der lausigen Bursch, wie einen tollen Hund[10].

Շվեյկին տարան կայարանին կից պարեկատունը։ Պահականոցում նա զտավ մի անձնախումբ, որի զինվորները նման էին այն ծեր աշխարհազորայինին, որն իր բնատուր թշնամու՝ պետ-ֆելդֆեբելի համար այնպես վարպետորեն գերմաներենի թարգմանեց «ջանիկ» բառը։

Պահակատունը զարդարված էր վիմատիպ նկարներով, որ զինվորական մինիստրությունը այն ժամանակ ուղարկում էր այն բոլոր հիմնարկություններին, որտեղ զինվորներ էին լինում, ինչպես նաև զորանոցներին ու զինվորական ուսումնարաններին։

Առաջին բանը, որ քաջարի զինվոր Շվեյկի աչքովն ընկավ ներս մտնելիս, մի նկար էր, որն, ըստ նրա տակ դրված մակագրության, ցույց էր տալիս, թե ինչպես նորին մեծության Քսանմեկերորդ հրաձգային գնդի դասակապետ Ֆրանտիշեկ Համմելև և ջոկապետներ Պաուլ Հարտն ու Բախմայերը զինվորներին կոչ են անում դիմանալ։ Մյուս պատին կպցրած էր մի տախտականկար՝ հետևյալ մակագրությամբ. «5-րդ հոնվեդյան հուսարական գնդի ենթասպա Յան Դանկոն հեաախուզում է թշնամու մարտկոցների դասավորությունը»:

Դրա տակ, աջ կողմում, կպցրած էր մի պլակատ՝ «Բացառիկ խիզախության օրինակներ» մակագրությամբ։

Այդ պլակատների համար բացառիկ խիզախության հնարովի օրինակներ պարունակող տեքստեր էին հորինում պատերազմի կանչված գերմանացի ժուռնալիստները։ Այդպիսի պլակատներով պառաված, ցնդած Ավստրիան ցանկանում էր ոգեշնչել իր զինվորներին։ Բայց զինվորները ոչինչ չէին կարդում։ Երբ նրանց համար, բրոշյուրների ձևով, ռազմաճակատ էին ուղարկում խիզախության այդպիսի օրինակներ, նրանք դրանցից այծոտիկներ էին սարքում և կամ գտնում գործածության այնպիսի ձևեր, որոնք ավելի համապատասխան էին այդ «խիզախության օրինակների» ոգուն և գեղարվեստական արժեքին։

Մինչ ֆելդֆեբելը կգնար որևէ սպա գտնելու, Շվեյկը պլակատի վրա կարդաց․

Շարքային գումակավոր Իոսիֆ Բոնգը

Սանիտարները ծանր վիրավորներին տանում էին դեպի սանիտարական սայլերը, որոնք պատրաստ կանգնած էին մի աննկատելի ձորակում։ Սայլերը լցվելուն պես վիրավորներին ուղարկում էին սանիտարական կայան։ Սանիտարական ջոկատի տեղը հայտնաբերելով, ռուսներն սկսեցին նրա վրա նռնակներ տեղալ։ Մի պայթուցիկ արկով սպանվեց կայսերական 3-րդ սանիտարական գումակային էսկադրոնի սայլապան Իոսիֆ Բոնգի ձին։ «Իմ խե՜ղճ Սիվկա, վերջդ եկավ»,— դառնորեն ողբում էր Իոսիֆ Բոնգը։ Այդ պահին նա ինքը վիրավորվեց նռնակի բեկորի հարվածից։ Բայց, չնայած դրան, Իոսիֆ Բոնգը լծից արձակեց զոհված ձին, և ծանր ու մեծ սայլը քարշ աալով հասցրեց մինչև թաքստոցը։ Ապա վերադարձավ սպանված ձիու լծասարքը տանելու։ Ռուսները շարունակում էին գնդակոծել։ «Կրակեցեք, կրակեցեք, նզովյալ ոճրագործներ, միևնույն է, ես լծասարքն այստեղ չեմ թողնի»,— ասաց նա և շարունակեց ձիու վրայից հանել լծասարքը։ Վերջապես, լծասարքն առած, քարշ գալով հետ դարձավ ու հասավ սայլերին։ Սանիտարները հարձակվեցին նրա վրա և սկսեցին հայհոյել իր երկարատև բացակայության համար։ «Ես չէի ուզում լծասարքը թողնել, չէ՞ որ համարյա նոր է։ Ափսոս է, ասում եմ, մեզ պետք կգա,— արդարանում էր խիզախ զինվորը, քայլերն ուղղելով դեպի վիրակապման կայանը։ Միայն այնտեղ նա հայտնեց, որ վիրավորվել է։ Շատ չանցած ռոտմիստրը նրա կուրծքը զարդարեց «Խիզախության համար» արծաթե մեդալով։

Կարդալով պլակատը և տեսնելով, որ ֆելդֆեբելը դեռ չի վերադառնում, նա դիմեց պահականոցում գտնվող աշխարհազորայիններին․

— Խիզախության հիանալի՜ օրինակ։ Եթե այդպես շարունակվի, մեր բանակում միայն նոր լծասարքեր կլինեն։ Մի անգամ ես Պրագայում «Պրագայի պաշտոնաթերթ» լրագրում սրանից ավելի լավ մի բան կարդացի այդ գումակային դեպքերի մասին։ Այնտեղ խոսքը վերաբերվում էր հոժարական դոկտոր Յոզեֆ Վոյանին, որը ծառայել է Գալիցիայում, Յոթերորդ եգերական գնդում։ Երբ բանը հասնում է սվինամարտի, նրա գլխին գնդակ է դիպչում։ Եվ ահա նրան տանում են վիրակապման կայան, իսկ նա գոռում է, թե թույլ չի տալ, որ մի քերծվածքի համար իրեն վիրակապեն, և իր ջոկատով նորից գրոհի է նետվում։ Այդ պահին արկը կտրում է նրա ոտնաթաթը։ Դարձյալ ցանկանում են նրան վերցնել ու տանել, բայց նա, ձեռնափայտին հենված, կաղեկաղ հասնում է կռվի գծին և սկսում ձեռնափայտով թշնամուց պաշտպանվել։ Իսկ այդ ժամանակ որտեղից որտեղ մի նոր նռնակ է թռչում-գալիս ու հակառակի պես պոկում նրա հենց այն ձեռքը, որով բռնել էր ձեռնափայտը։ Այդ ժամանակ նա, ձեռնափայտը մյուս ձեռքն է առնում և գոռում, թե դա նրանց վրա էժան չի նստի։ Աստված գիտե, թե այդ բոլորը ինչով կվերջանար, եթե շրապնելը նրան վերջնականապես չսպաներ։ Հնարավոր է, որ նա էլ Խիզախության համար արծաթե մեդալ ստանար, եթե շրապնելը նրա վերջը չտար։ Նրա գլուխը կտրվելուց հետո էլ մի որոշ ժամանակ գլորվել է ու գոռացել. «Շտապիր, զինվո՛ր, պարտքդ կատարել, թեկուզ մահն ուզի գլխիդ սավառնել»։

— Ինչե՜ր ասես չեն գրում թերթերում,— ասաց պահակախմբի անդամներից մեկը։— Վայ թե այդ խմբագիրն ինքը ցնդեր, եթե տեսներ, թե այստեղ ինչ է կատարվում։

Աշխարհազորայինը թքեց։

— Չեսլավի մեր գնդում Վիեննայից եկած մի գերմանացի խմբագիր կար։ Պրապորշչիկ էր։ Չէր ուզում մեզ հետ չեխերեն խոսել, բայց երբ նրան ուղարկեցին այն երթային վաշտը, որտեղ բոլորը չեխեր էին, չեխերեն խոսել սովորեց։

Բաց դռան առաջ երևաց ֆելդֆեբելի դեմքը, որը զայրույթ էր արտահայտում, և նա գոռաց.

— Wenn man soll drei Minuten weg, da hört man nichts anderes, als «Ցեխերեն, ցեխեր»[11]։

Եվ դիմելով, հավանաբար, դեպի բուֆետ, Շվեյկին մատնացույց անելով, աշխարհազորային ենթասպային ասաց, որ այդ ոջլոտ սրիկային տանի պոդպորուչիկի մոտ, հենց որ նա գա։

— Երևի պարոն պոդպորուչիկը նորից զվարճանում է կայարանի հեռագրչուհու հետ,— ասաց ենթասպան ֆելդֆեբելի գնալուց հետո։— Արդեն երկու շաբաթ է, որ նրանից ձեռք չի քաշում և ամեն օր հեռագրատնից գալիս է սատանայի պես գազազած և ասում.

— Das ist aber eine Hure, sie will nicht mit mir schlafen[12].

— Ի՛նչ արած, ախպե՛րս, ստիպված պիտի լինես գնալ նրա մոտ,— կարեկցեց Շվեյկին ենթասպան։― Քիչ ահել ու ջահել զինվորներ չեն անցել նրա ձեռքի տակով։— Եվ Շվեյկին տարավ գրասենյակ, որտեղ ցաք ու ցրիվ թղթերով ծածկված սեղանի առաջ նստած էր մի մոլեգնադեմ երիտասարդ պոդպորուչիկ։

Տեսնելով ենթասպայի ուղեկցությամբ ներս մտնող Շվեյկին, նա բազմանշանակ ծոր տվեց.

— Ըհը՜․․․

Ենթասպան զեկուցեց.

— Պատիվ ունեմ զեկուցելու, պարոն լեյտենանտ, այս մարդուն կայարանում բռնել են փաստաթղթեր չունենալու համար։

Պոդպորուչիկը գլխով արեց դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ կարծես դեռևս տարիներ առաջ նա նախատեսել էր, թե հենց այդ օրը և հենց այդ ժամին Շվեյկին կայարանում պիտի բռնեին փաստաթղթեր չունենալու համար։

Ասենք, այդ րոպեին ով էլ որ նայելու լիներ Շվեյկին, պետք է հանգեր այն եզրակացության, թե հնարավոր բան չէ, որ այդպիսի արտաքին ունեցող մարդու մոտ որևէ փաստաթուղթ լինի։ Շվեյկն այնպիսի տեսք ուներ, որ կարծես ընկել էր երկնքից կամ այլ մոլորակից և հիմա միամիտ զարմանքով դիտում էր նոր, իրեն անծանոթ մի աշխարհ, որտեղ նրանից ինչ-որ հիմար, իր համար անհասկանալի փաստաթղթեր են պահանջում։

Նայելով Շվեյկին, պոդպորուչիկը մի րոպե մտածեց, թե ինչ ասի։ Ի վերջո հարցրեց.

— Կայարանում ի՞նչ էիք անում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, սպասում էի Չեխական Բուդեյովիցիի գնացքին, որպեսզի ընկնեի իմ Իննսունմեկերորդ գունդը, պորուչիկ Լուկաշի մոտ, որի սպասյակն եմ, և որին ստիպված էի լքել, քանի որ ինձ տուգանքի գործով ուղարկեցին կայարանապետի մոտ, որովհետև կասկածում էին, թե ես վթարային արգելակով կանգնեցրել եմ ճեպընթաց գնացքը։

— Գլուխս մի թըլսորեք,— գոռաց պոդպորուչիկը,— խոսեցեք կապակցված ու կարճ և հիմարություն մի դուրս տաք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, հենց այն իսկ րոպեից սկսած, երբ ես ու պարոն պորուչիկ Լուկաշը նստեցինք ճեպընթաց գնացքը, որը մեզ պետք է ըստ հնարավորին արագ հասցներ մեր Իննսունմեկերորդ հետևակ գունդը, մեր բախտը բերեց. նախ կորավ մեր ճամպրուկը, իսկ հետո, խոսքս չմոռանամ, մի բոլորովին քաչալ պարոն գեներալ մայոր․․․

— Himmelherrgott[13],— թառանչելով հայհոյեց պոդպորուչիկը։

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, անհրաժեշտ է, որ սիրտս հին ներքնակի պես կամաց-կամաց դատարկվի, որպեսզի կարողանաք ամբողջ եղելությունը պատկերացնել, ինչպես ասում էր հանգուցյալ կոշկակար Պետրլիկը, երբ իր աշակերտին կաշեփոկով դաղդղելուց առաջ հրամայում էր, որ շալվարն իջեցնի։

Պոդպորուչիկը զայրույթից սկսեց փնչալ, իսկ Շվեյկը շարունակեց․

— Պարոն քաչալ գեներալ-մայորին ես ինչ-որ պատճառով դուր չեկա, դրա համար էլ պարոն պորուչիկ Լուկաշն ինձ վռնդեց միջանցք։ Իսկ հետո միջանցքում ինձ մեղադրեցին այն բանի մեջ, որի մասին ձեզ արդեն զեկուցեցի։ Մինչև գործը կպարզվեր, անտեր-անտիրական մնացի կառամատույցում։ Գնացքը գնաց, պարոն պորուչիկը, ճամպրուկներով ու երկուսիս բոլոր փաստաթղթերով, նույնպես գնաց, իսկ ես մնացի առանց փաստաթղթերի և թափառում էի անապաստանի պես։

Շվեյկն այնպիսի քնքշալի հայացքով նայեց պոդպորուչիկին, որ վերջինս անվերապահորեն հավատաց, թե այն ամենը, որ լսում է ի ծնե տխմարի տպավորություն գործող այդ մարդուց, միանգամայն ճիշտ է։

Այնժամ պորուչիկն սկսեց Շվեյկին թվել այն բոլոր գնացքները, որ ճեպընթացից հետո մեկնել էին Բուդեյովիցի և հարցրեց, թե նա ինչո՛ւ է այդ գնացքները բաց թողել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը բարեհոգաբար ժպտալով,— մինչ ես կսպասեի հաջորդ գնացքին, գլխիս մի օյին եկավ, նստեցի գարեջուր խմելու, և գնա՜ց ու գնա՜ց գավաթ գավաթի ետևից, գավաթ գավաթի ետևից…

«Կյանքումս այսպիսի էշ չեմ տեսել,— մտածեց պորուչիկը։— Ամեն ինչ խոստովանում է։ Սրա նման քանի՜սն են ձեռքիս տակով անցել, բայց բոլորն էլ ամեն կերպ ստում էին, չէին խոստովանում, իսկ սա շատ հանգիստ հայտարարում է․ «Գնացքներից ուշացա, որովհետև գարեջուր էի խմում գավաթ գավաթի հետևից»։

Իր բոլոր կարծիքները նա ամփոփեց մի ֆրազի մեջ, որով և դիմեց Շվեյկին.

— Դուք, աղավնյակս, դեգեներատ եք։ Գիտե՞ք «դեգեներատ»-ն ինչ է։

― Մեր քաղաքում, Բոիշտեի և Կատերժինսկա փողոցի անկյունում, համարձակվում եմ զեկուցել, նույնպես մի դեգեներատ էր ապրում։ Հայրը լեհ կոմս էր, իսկ մայրը՝ տատմեր։ Ցերեկը նա փողոցներն էր ավլում, իսկ գինետանը թույլ չէր տալիս իրեն անվանել այլ կերպ, քան միայն կոմս։

Պոդպորուչիկը ավելի լավ համարեց վերջացնել այդ գործը և պարզ ու որոշ ասաց.

― Ահա թե ինչ. դուք դմբո եք, դմբո մինչև ձեր ուղն ու ծուծը։ Անմիջապես գնացեք տոմսարկղ, ձեզ համար տոմս գնեցեք և մեկնեցեք Բուդեյովիցի։ Եթե մեկ էլ ձեզ այստեղ տեսնեմ, կվարվեմ ինչպես դասալիքի հետ են վարվում։ Abtreten![14]

Բայց քանի որ Շվեյկը տեղից չէր շարժվում, շարունակելով ձեռքը հովարին դրած պահել, պոդպորուչիկը բղավեց.

— Marsch hinaus[15], լսեցի՞ք, abtreten. Պալենեկ, այս ապուշին տարեք տոմսարկղ և նրա համար Բուդեյովիցիի տոմս գնեցեք։

Մի րոպե անց ենթասպա Պալենեկը նորից մտավ գրասենյակ։ Բաց դռնից, Պալենեկի ուսի վրայից, նայում էր Շվեյկի բարեհամբույր դեմքը։

— Էլ Ի՞նչ կա։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— խորհրրդավոր կերպով շշնջաց ենթասպա Պալենեկը նա ճանապարհի փող չունի, ես էլ չունեմ։ Իսկ ձրի տանել չեն ուզում, որովհետև զինվորական փաստաթուղթ չունի, թե գնում է իր գունդը։

Պոդպորուչիկն իրեն շատ նեղություն չտվեց այդ դժվարին հարցի սողոմոնական լուծման համար։

— Թող ոտքով գնա,— վճռեց նա,— թող ուշանալու համար գնդում նստեցնեն։ Դրա հետ գլուխ դնել պետք չէ։

— Ի՞նչ արած, ախպերս,— ասաց Պալենեկը Շվեյկին, դուրս գալով գրասենյակից։— Ուզես-չուզես, ախպերս, պետք է ոտքով հասնես Բուդեյովիցի։ Մեր պահականոցում մի կտոր բոքոն կա։ Կտանք քեզ ճանապարհի համար։

Կես ժամ հետո, երբ Շվեյկին սև սուրճ էին խմեցրել և ճանապարհի համար, մի կտոր բոքոնից բացի, մեկ ութերորդ ֆունտ թութուն տվել, նա մթին գիշերով դուրս եկավ Թաբորից, երգելով զինվորի մի հին երգ.

Ճամփաներով կեռ ու մեռ
Գնում էինք Յարոմեր։

Սատանան գիտե, թե ինչպես պատահեց, որ քաջարի զինվոր Շվեյկը, փոխանակ դեպի հարավ, դեպի Բուդեյովիցի գնալու, սկսեց քայլել ուղիղ դեպի արևմուտք։

Քայլում էր նա ձյունապատ խճուղիով, խիստ ցրտից շինելի մեջ փաթաթված, ասես Նապոլեոնի այն վերջին գրենադերը, որ վերադառնում էր Մոսկվայի արշավանքից։ Տարբերությունն այն էր միայն, որ Շվեյկն ուրախ երգում էր.

Ես գնում եմ ման գալու
Մեր այն կանաչ պուրակում․․․

Եվ ձյունածածկ մթին անտառներում արձագանքը տարածվում էր հեռու-հեռու, այնպես որ գյուղերում շները սկսում էին հաչել։

Երբ Շվեյկը երգելուց ձանձրացավ, նստեց ճամփեզրյա մի խճակույտի վրա, վառեց ծխամորճը և, հանգստանալուց հետո, շարունակեց ճանապարհը, ընդառաջ գնալով բուդեյովիցյան անաբազիսի իր նոր արկածներին։


Շվեյկի Բուդեյովիցյան անաբազիսը

Հին դարերի զորավար Քսենեֆոնը առանց քարտեզի անցավ ամբողջ Փոքր Ասիան և եղավ աստված գիտե ուրիշ ինչ տեղերում։ Հին գոթերը իրենց արշավանքները կատարում էին նույնպես առանց տեղագիտության։ Անդադրում առաջ ընթանալ, անցնել անծանոթ երկրների միջով, շարունակ շրջապատված լինել թշնամիներով, որոնք հարմար առիթի են սպասում, որ մարդու վիզ ոլորեն, ահա թե ինչ ասել է անաբազիս։ Ով ուսերի վրա գլուխ ուներ,— ինչպես Քսենեֆոնը կամ տարբեր ցեղերի պատկանող այն ավազակները, որ Եվրոպա խուժեցին աստված գիտե որտեղից, Կասպի՞ց թե Ազովի ծովի ափերից,— ով ուսերի վրա գլուխ ուներ, արշավանքների ժամանակ հրաշքներ էր գործում։

Կեսարի հռոմեական լեգեոնները, նույնպես առանց որևէ քարտեզի հասնելով հեռավոր հյուսիս, Գաղիական ծովին, իրենց բախտը մի անգամ էլ փորձելու համար որոշեցին Հռոմ վերադառնալ ուրիշ ճանապարհով։ Եվ բարեհաջող տեղ հասան։ Երևի հենց այդ ժամանակից է գործածական դարձել այն խոսքը, թե բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։

Ճիշտ այդպես էլ բոլոր ճանապարհները տանում են Չեխական Բուդեյովիցի, մի բան, որին քաջարի զինվոր Շվեյկը միանգամայն հավատում էր, երբ բուդեյովիցյան վայրերի փոխարեն իր առաջ տեսավ Միլևսկո շրջանի մի գյուղակ։

Իր բռնած ուղղությունը չփոխելով, նա շարունակեց առաջ շարժվել, քանզի ոչ մի Միլևսկո չէր կարող խանգարել, որ քաջարի զինվորը հասներ Բուդեյովիցի։

Եվ այդպիսով, մի որոշ ժամանակ անց Շվեյկը հայտնվեց Կվետովում, Միլևսկոեից արևմուտք։ Նա արդեն ամբողջովին սպառել էր արշավային երգերի իր պաշարը և Կվետովին մոտենալուց առաջ ստիպված էր դրանք կրկնել.

Ամեն անգամ մեր գնալիս
Աղջիկներն են վշտից լալիս․․․

Կվետովից Վրաժ տանող ճանապարհին, որ շարունակ ձգվում է դեպի արևմուտք, Շվեյկին հանդիպեց եկեղեցուց վերադարձող պառավ, որը քրիստոնեաբար ողջունեց նրան.

— Բարաջողում, զինվոր ջան։ Ո՞ւր։

— Մեր գունդը, մայրիկ, Բուդեյովիցի, դեպի այդ պատերազմ ասածը։

— Մեղա՜ քեզ, տեր, ախր սխալ ես գնում, զինվոր ջան,— վախեցավ պառավը։— Էդպես որ գնաս, կյանքումդ տեղ չես հասնի։ Էս ճանապարհը Վրաժի միջով Կլատով է տանում։

— Եմ կարծում եմ, որ եթե մարդ խելք ունենա՝ Կլատովից էլ կհասնի Բուդեյովիցի,— հարգալից պատասխանեց Շվեյկը։— Ճիշտ է, քիչ ճանապարհ չէ, մանավանդ մի մարդու համար, որ ուզում է շուտ հասնել իր գունդը և վախենում է, որ հանկարծ, չնայած ժամանակին տեղ հասնելու իր բոլոր ջանքերին, գլխացավանքի մեջ ընկնի։

— Մեզ մոտ էլ մի էդպիսի անդադրում մարդ կար,— հառաչեց տատիկը։— Տոնիչեկ Մաշեկ էին ասում։ Պետք է Պլզեն գնար, աշխարհազորի։ Եղբորս աղջկան ազգական է գալիս։ Հա՛… Վեր կացավ, ուրեմն, գնաց։ Իսկ մի շաբաթ հետո ժանդարմներն արդեն նրան ման էին գալիս։ Դու մի ասի, չի հասել իր գունդը։ Իսկ մի շաբաթ հետո էլ երևաց մեզ մոտ։ Հասարակ, քաղաքացու շոր էր հագին։ «Արձակուրդ եմ եկել», ասում է։ Գյուղապետը գնաց ժանդարմներին կանչելու, իսկ դրանք տղին էդ արձակուրդից քարշ տվին տարան… Արդեն ֆրոնտից նամակ է գրել, թե վիրավոր է, մի ոտը չկա։

Պառավը կարեկցաբար նայեց Շվեյկին։

— Այ էն մեշում մի քիչ նստիր, զինվոր ջան, գնամ կարտոֆիլի ապուր բերեմ, ուտես տաքանաս։ Մեր խրճիթը էստեղից երևում է, ուղիղ մեշի հետևն է, աջ կողմը։ Ավելի լավ կլինի մեր գեղի միջով չանցնես, մեզ մոտ ժանդարմները շան պես հոտվտում են։ Մեշից ուղիղ գնա Մալչին։ Չիժովո չմտնես, զինվոր ջան, էնտեղի ժանդարմները կաշի քերթող են, դասալիք են ման գալիս։ Անտառով ուղիղ գնա Սեդլեց ու Գորաժդյովիցի։ Էնտեղի ժանդարմը լավն է, ուզածդ մարդուն կթողնի գեղի միջով անցնի։ Թուղթ-մուղթ ունե՞ս։

— Չունեմ, մայրիկ։

— Որ էդպես է, էնտեղ էլ մի գնա։ Ավելի լավ կլինի գնաս Ռադոմիշլ։ Միայն թե, տե՛ս հա, աշխատիր տեղ հասնես իրիկնադեմին, ժանդարմները պանդոկում կլինեն։ Էնտեղ Ֆլորիանի հետևի փողոցում մի տուն կա, ցածի մասը կապույտ ներկած։ Կհարցնես տան տիրոջը՝ Մելիխարկին։ Ախպերս է։ Ինձանից նրան շատ բարով կանես, նա էլ քեզ կասի, թե ոնց գնաս էդ Բուդեյովիցի ասածը։

Շվեյկն անտառակում պառավի ճաշին սպասեց կես ժամից ավելի, իսկ երբ տաքացավ կարտոֆիլի ապուրով, որ պառավը բերել էր բարձի մեջ փաթաթած կճուճով, որպեսզի ճանապարհին չսառչեր, խեղճ կինը իր կապոցից հանեց մի կտոր բոքոն ու ճարպ, խոթեց Շվեյկի գրպանները, խաչակնքեց նրան ու ասաց, թե ինքը Բոլդեյովիցիում երկու թոռ ունի։ Ապա մի անգամ էլ նրան հանգամանորեն բացատրեց, թե նա ո՛ր գյուղերի միջով պիտի անցնի և ո՛ր գյուղերը շրջանցի։ Ի վերջո կոֆտայի գրպանից մի կրոն հանեց ու տվեց Շվեյկին, որպեսզի նա Մալչինում, իր համար ճանապարհի օղի առնի, քանի որ մինչև Ռադոմիշլ բավական ճանապարհ կա։

Պառավի խորհրդի համաձայն, Շվեյկը, Չիժովա չմտնելով, դիմեց դեպի Ռադոմիշլ, դեպի արևելք, մտածելով, որ աշխարհի ամեն մի կողմից կարող է Բոլդեյովիցի հասնել։

Մալչինից Շվեյկին ուղեկցում էր մի ծեր հարմոնահար, որին նա գտել էր պանդոկում, երբ Ռադոմիշլի երկար ճանապարհի համար օղի էր գնում։

Հարմոնիստը Շվեյկին դասալիքի տեղ էր դրել և նրան խորհուրդ էր տալիս իր հետ գնալ Գորաժդյովիցի, քանի որ այնտեղ,— ասում էր նա,— ապրում է իր աղջիկը, որի ամուսինն էլ դասալիք է։ Երևում էր, որ հարմոնահարը Մալչինում չափից ավելի էր կոնծել։

— Արդեն երկու ամիս է մարդուն թաքցնում է ախոռում, քեզ էլ կթաքցնի,— համոզում էր նա Շվեյկին։— Ձեզ համար կնստեք այնտեղ մինչև պատերազմի վերջը։ Երկուսով որ լինեք, չեք ձանձրանա։

Բայց երբ Շվեյկը քաղաքավարի մերժեց այդ առաջարկը, հարմոնահարը սաստիկ զայրացավ, ճանապարհը թեքեց դեպի ձախ, դեպի դաշտերը, Շվեյկին սպառնալով, թե գնում է նրան մատնելու ժանդարմներին։

Իրիկնադեմին Շվեյկը հասավ Ռադոմիշլ և Ֆլորիանի հետևի Դոլեյշի փողոցում գտավ տնատեր Մելիխարկին, որի վրա ոչ մի ներգործություն չունեցավ այն բարևը, որ նա բերել էր Վրաժում ապրող նրա քրոջից։ Մելիխարկը շարունակ պահանջում էր, որ Շվեյկը ներկայացնի իր փաստաթղթերը։ Դա մի ակնհայտորեն կանխակարծ մարդ էր։ Մի գլուխ խոսում էր ինչ-որ ավազակների, թափառաշրջիկների ու գողերի մասին, որ վխտում են ամբողջ Պիսեկի շրջանում։

— Փախչում են զինվորական ծառայությունից։ Կռվել չեն ուզում, դրա համար էլ թափառում են ամբողջ շրջանում և ինչ տեսնում թռցնում են,— արտահայտիչ տոնով ասում էր նա, նայելով Շվեյկի աչքերին։— Իսկ նրանցից ամեն մեկն այնպես անմեղ է ձևանում, որ կարծես մինչև հինգն էլ հաշվել չգիտի… Դե, իհարկե, ճիշտ խոսքը դուր չի գա,— ավելացրեց նա, տեսնելով որ Շվեյկը նստած տեղից վեր է կենում։— Մարդու խիղճը որ մաքուր լինի, տեղում նստած կմնա ու իր փաստաթղթերը ցույց կտա։ Իսկ եթե խիղճը մաքուր չի…

— Մնաք բարով, պապիկ…

— Գնաք բարով։ Գնացեք հիմար մարդ գտեք․․․

Երբ Շվեյկը մութն ընկնելիս դուրս եկավ, պապիկը դեռ շարունակում էր մրթմրթալ.

— Իբր թե գնում է Բուդեյովիցի, իր գունդը։ Իբր թե Թաբորից է գալիս։ Իսկ, արի ու տես, խաբեբան նախ գնում է Գորաժդյովիցի և հետո միայն Պիսեկ։ Դա հո շուրջերկրյա ճանապարհորդություն է։

Շվեյկը նորից քայլեց ամբողջ գիշերն անընդհատ, մինչև որ Պուտիմի մոտ դաշտում մի ծղոտի դեզ գտավ։ Նա ծղոտը բացեց-փռեց իր համար և հանկարծ կողքին մի ձայն լսեց.

— Ո՞ր գնդից ես, ո՞ւր ես գնում։

— Իննսունմեկերորդ։ Գնում եմ Բոլդեյովիցի։

— Իսկ ի՞նչ ունես այնտեղ։

— Օբեր-լեյտենանտս այնտեղ է։

Ծիծաղ պոռթկաց։ Բայց ծիծաղում էր ոչ թե մեկ, այլ մեկեն երեք մարդ։

Երբ ծիծաղը լռեց, Շվեյկը նրանց հարցրեց, թե որ գնդից են։ Պարզվեց, որ երկուսը Երեսունհինգերորդ գնդից էին, իսկ երրորդը հրետանավոր էր, նույնպես Բուդեյովիցից։ Երեսունհինգերորդ գնդի տղաները երթային գումարտակից փախել էին նախքան ռազմաճակատ ուղարկվելը, սրանից մոտ մեկ ամիս առաջ, իսկ հրետանավորը փախստական էր հենց զորակոչի սկզբից։ Նա Պուտիմի շրջանի գյուղացի էր և դեզը նրան էր պատկանում։ Նա միշտ այդտեղ էր գիշերում, իսկ երեկ անտառում պատահել էր այն երկուսին ու բերել իր մոտ։

Երեքն էլ հուսով էին, թե պատերազմը երկու-երեք ամսից կվերջանա։ Հավատացած էին, թե ռուսներն արդեն Բուդապեշտն անցել են ու Մորավիան գրավել։ Պուտիմում բոլորն այդ մասին են խոսում։ Վաղը լուսաբացից առաջ հրետանավորի մայրն ուտելու բան կբերի, իսկ հետո Երեսունհինգերորդի տղաները ճանապարհ կընկնեն դեպի Ստրակոնիցի։ Նրանցից մեկն այնտեղ հորաքույր ունի, իսկ հորաքույրը Սուշիցայից դենը գտնվող լեռներում մի ծանոթ ունի, այդ ծանոթն էլ սղոցարան ունի, որտեղ կարելի է թաքնվել։

— Հեյ, դո՛ւ, Իննսունմեկերորդցի, եթե ուզում ես, դու էլ արի մեզ հետ,— առաջարկեցին նրանք Շվեյկին։— Թքիր քո այդ օբեր-լեյտենանտի վրա։

― Չէ՛, դա այնքան էլ հեշտ բան չի,— պատասխանեց Շվեյկը և ավելի խորը թաղվեց ծղոտի մեջ։

Երբ նա առավոտյան արթնացավ, շուրջը ոչ ոք չկար։ Փախստական զինվորներից մեկը, հավանաբար հրետանավորը, Շվեյկի ոտքերի մոտ մի մեծ կտոր բոքոն էր դրել ճանապարհի համար։

Շվեյկն սկսեց առաջանալ անտառների միջով։ Շտեկնի մոտ նա հանդիպեց մի ծեր շրջմոլիկի, որը վաղեմի ընկերոջ պես նրան ողջունեց մի կում օղի առաջարկելով։

— Այս հագուստով ման մի գա։ Վայ թե քո այդ համազգեստը գլխիդ վարձանք բերի,— խրատում էր շրջմոլիկը Շվեյկին։— Հիմա ամեն տեղ ժանդարմներ են վխտում, և այդ տեսքով դուրս պրծնել չի լինի։ Հիմա ժանդարմները մեզ չեն որսում, հիմա ձեզպեսների հետևից են ընկել, միայն դասալիք են փնտրում։ Միայն ձեզ են փնտրում,— կրկնեց նա այնպիսի համոզմունքով, որ Շվեյկն ավելի լավ համարեց Իննսունմեկերորդ գնդի մասին ոչ մի խոսք չասել։ Թող շրջմոլիկը նրան ինչ ուզում է համարի։ Ինչո՞ւ խորտակել այդ լավ ծերուկի պատրանքը։

— Հիմա ո՞ւր ես քեզ գցելու,— հարցրեց շրջմոլիկը մի րոպե հետո, երբ երկուսն էլ վառեցին իրենց ծխամորճերը և առանց շտապելու սկսեցին շրջանցել գյուղը։

— Բուդեյովիցի։

— Մեղա՜ քեզ,— վախեցավ մուրացկանը։— Ախր այնտեղ քեզ րոպեապես կճանկեն։ Չես հասցնի շունչ էլ քաշել։ Քեզ քաղաքացու շոր է հարկավոր, այն էլ պատառոտված։ Ստիպված պիտի լինես կաղալ… Բայց, դե՛հ, մի վախենա. կանցնենք Ստրակոնիցիի, Վոլինի ու Դուբի միջով, և սատանան էլ չի կարող խանգարել, որ մենք մի շոր ձեռք գցենք։ Ստրակոնիցիում դեռևս ազնիվ սարսաղներ կան, որոնք երբեմն գիշերը դռները չեն կողպում, իսկ ցերեկն այնտեղ առհասարակ ոչ ոք դուռ չի կողպում։ Մեկն ու մեկը կգնա հարևանի հետ զրից անելու, և ահա քեզ քաղաքացու հագուստ։ Իսկ քեզ շա՞տ բան է պետք։ Սապոգներ ունես… մենակ թե վրայից հագնելու մի բան լինի։ Շինելդ հի՞ն է։

— Հին է։

— Լավ, դա կարելի է թողնել։ Գյուղերում շինել են հագնում։ Հետո շալվար ու պինջակ էլ է հարկավոր։ Երբ քաղաքացու հագուստ ճարենք, շալվարդ ու գիմնաստյորկադ կարելի կլինի ծախել Վոդնյանում ապրող հրեա Հերմանին։ Նա պետական իրեր է առնում, իսկ հետո գյուղերում ծախում… Այսօր կգնանք Ստրակոնիցի։ Այստեղից մինչև Շվարցենբերգի շնանոցը չորս ժամվա ճանապարհ է,— զարգացնում էր նա իր պլանը։— Այնտեղ ես մի ծանոթ հովիվ ունեմ, ծերունի մարդ է։ Գիշերը կքնենք նրա մոտ, իսկ առավոտյան կշարժվենք դեպի Ստրակոնիցի ու այնտեղ մի տեղից մի հագուստ կթռցնենք։

Շնանոցում Շվեյկը ծանոթացավ մի համակրելի ծերուկի հետ, որը դեռ հիշում էր իր պապի պատմածները ֆրանսիացիների արշավանքների մասին։ Հովիվը ծեր շրջմոլիկից մի քսան տարավ մեծ էր, դրա համար էլ նրան, ինչպես և Շվեյկին, անվանում էր «տղաս»։

— Ուրեմն այդպես, տղաներ,— սկսեց պատմել պապը, երբ բոլորը նստեցին փեչի շուրջը, որի մեջ կլեպով կարտոֆիլ էր եփվում։— Այն ժամանակ պապս էլ, ոնց որ էս զինվորը, դասալիք էր։ Բայց Վոդնյանում նրան բռնել էին ու էնպես թակել, որ քամակը պատառ-պատառ էր եղել։ Դեռ նրա բախտը բանել էր։ Իսկ, ա՛յ, Յարեշի տղին, էն ծերունի Յարեշի պապին, որ Ռաժիցիի ձկնաբուծարանում պահակ է, Պիսեկում գնդակահարել են փախչելու համար, իսկ գնդակահարելուց առաջ քշել էին շարքերի միջով ու դագանակներով վեցհարյուր հարված հասցրել, այնպես որ մահը նրա համար իսկական փրկություն է եղել։ Իսկ դու ե՞րբ ես ճղել,— դիմեց նա Շվեյկին՝ արցունքն աչքերին։

— Զորակոչից հետո, երբ մեզ տանում էին զորանոցները,— պատասխանեց Շվեյկը, հասկանալով, որ չի կարելի ծերունի հովվի առաջ մունդիրի պատիվը գետնով տալ։

— Պատի վրայով փախա՞ր, թե ոնց,— հետաքրքրվեց հովիվը, հավանաբար հիշելով իր պապի պատմությունը, թե նա ինչպես է փախել զորանոցի պատի վրայով։

— Ուրիշ կերպ չէր լինի, պապիկ։

— Իսկ պահակներ շա՞տ կային, վայ թե կրակեցին էլ։

— Կրակեցին, պապիկ։

— Իսկ հիմա ո՞ւր ես գնում։

— Խելքը թռցրել է, որոշել է Բուդեյովիցի գնալ, և վե՛րջ,— Շվեյկի փոխարեն պատասխանեց շրջմոլիկը։— Դեհ, ջահել է, անխելք, զոռով իրեն փորձանքի մեջ է գցում։ Պետք է դրան խելք սովորեցնեմ։ Մի տեղից շորումոր կթռցնենք, իսկ հետո ամեն ինչ լավ կլինի։ Մինչև գարուն մի կերպ գլուխ կպահենք, իսկ գարնանը վարձով կաշխատենք գյուղացիների մոտ։ Այս տարի մարդու կարիք շատ է լինելու։ Սով է։ Ասում են, բոլոր թափառաշրջիկներին, պիտի քշեն դաշտային աշխատանքի։ Կարծում եմ, ավելի լավ է մարդ իր հոժար կամքով գնա։ Ասում են, մարդու պակաս կլինի։ Բոլորին կկոտորեն։

— Կարծում ես այս տարի չի՞ վերջանա,— հարցրեց հովիվը։— Դու, տղաս, ճիշտ ես ասում, երկարատև պատերազմներ եղել են։ Օրինակի համար, Նապոլեոնի պատերազմը, հետո, ինչպես մեզ պատմել են, շվեդական պատերազմները, յոթնամյա պատերազմները։ Մարդիկ իրենք են իրենց գլխին բերել այդ պատերազմները։ Եվ տե՛ղն է։ Աստված էլ չի կարողանում տեսնել, թե մարդիկ ոնց են գոռոզացել։ Արդեն ոչխարի մսին հավան չեն, էլ չեն ուզում ոչխարի միս ուտել։ Առաջ խումբ-խումբ գալիս էին մոտս, որ ես թաքուն մի գառ ծախեմ իրենց, իսկ էս վերջին տարիները նրանց սիրտը մենակ խոզի ու թռչունի միս է ուզում, էն էլ անպայման յուղով ու ճարպով տապակած։ Աստված էլ ահա բարկացավ նրանց էդ անսահման գոռոզության վրա։ Իսկ երբ նորից խաշած թելուկ ուտեն, ոնց որ Նապոլեոնի կռվի օրերին, էն ժամանակ խելքի կգան։ Իսկ մեր աղաները ճարպից կատաղել են։ Ծերունի իշխան Շվարցենբերգը շարաբանից բացի ուրիշ բանով ման չէր գալիս, իսկ նրա տղեն, էդ փսլնքոտը, չորս կողմն ապականել է իր ավտոմոբիլի զզվելի հոտով։ Դեռ սպասիր, աստված մռութդ էնպե՜ս լղոզի բենզինով։

Կարտոֆիլի կճուճի մեջ շուրը քլթլթում էր։ Ծերունի հովիվը փոքր-ինչ լռելուց հետո, մարգարեաբար բարբառեց.

— Մեր թագավոր կայսրը էս պատերազմը չի շահի։ Ժողովուրդը էլ ի՞նչ ռազմական ոգի կունենա, երբ թագավորը թագադրված չի, ինչպես ասում է Ստրակոնիցի գյուղի ուսուցիչը։ Հիմա թող ում աչքին ուզում է թոզ փչի։ Քանի որ դու, քավթառ սրիկա, խոստացել ես թագադրվել, ուրեմն խոսքդ կատարիր։

― Մի գուցե հիմա մի կերպ այդ բանը կանի,— մեջ մտավ շրջմոլիկը։

— Հիմա, տղաս, բոլորն էլ թքել են դրա վրա, — տաքացավ հովիվը,— դու գյուղացիներին լսիր, երբ հավաքվում են ներքևում, Սկոչիցիում։ Ամեն մեկը պատերազմում մարդ ունի։ Մի լսեիր, ինչպես են խոսում։ Պատերազմից հետո, ասում են, ազատություն կլինի, ո՛չ կայսերական արքունիքներ կլինեն, ոչ կայսրեր, և իշխաններից նրանց կալվածքները կխլեն։ Այդպիսի ճառերի համար ժանդարմները Կորժինկա անունով մեկին արդեն ծակն են խոթել. մարդկանց մի գրգռի, ասում են։ Էհ, ի՞նչ ասեմ։ Հիմա ժանդարմներն ինչ ուզում անում են։

— Ասենք, առաջ էլ այդպես էր,— ասաց շրջմոլիկը։— Հիշում եմ Կլադնոյում Ռոտտեր անունով մի ժանդարմական ռոտմիստր կար։ Սիրտը ուզեց, ինչպե՞ս են դրանց ասում, գայլի ցեղի ոստիկանական շներ բազմացնել, որոնք կարող են ամեն ինչի հետքը գտնել, եթե լավ վարժեցնես։ Եվ Կլադնոյի ռոտմիստրի այդ շուն-սաներին թիվ ու համար չկար։ Նրանց համար նա մի հատուկ տնակ ուներ, որտեղ նրանք ապրում էին կոմսերի զավակների պես։ Մի օր ռոտմիստրի խելքին փչեց նրանց ուսուցանել պանդուխտներիս կաշվի վրա։ Եվ ահա հրաման արձակեց, որ ժանդարմները ամբողջ Կլադնոյի շրջանի պանդուխտներին քշեն ու բերեն իր մոտ։ Այդ բանն իմանալուն պես ես Լանից պուկ տվի, ինձ գցեցի անտառի խորքը, բայց ի՜նչ… դեռ ուզածս տեղը չհասած ինձ չանթեցին ու տարան պարոն ռոտմիստրի մոտ։ Սիրելիներս, չեք կարող պատկերացնել, թե ինչ քաշեցի այդ շների երեսից։ Նախ թողին, որ նրանք ինձ հոտոտեն, հետո ինձ հրամայեցին մի սանդղիկով վեր բարձրանալ և, երբ համարյա սանդղիկի գլուխն էի հասել, հետևիցս մի գազան շուն բաց թողին, իսկ այդ անզգամն ինձ այնտեղից գետին գլորեց, հետո բարձրացավ վրաս և ուղղակի քթիս տակ սկսեց գռմռալ ու ատամները կրճտացնել։ Այնուհետև այդ ճիվաղին մի կողմ քաշեցին, իսկ ինձ ասացին, որ գնամ ու թաքնվեմ ուր որ ուզենամ։ Գնացի Կաչակա կոչված հովտի կողմը, մտա անտառն ու թաքնվեցի մի խանդակում։ Կես ժամ էլ չանցած երկու գամփռներ վազեվազ եկան ու ինձ գետին գլորեցին, և մինչ նրանցից մեկը բռնել էր կոկորդս, մյուսը վազեց Կլադնո։ Մի ժամ հետո եկավ ինքը պան ռոտմիստրն իր ժանդարմների հետ, շանը մի կողմ կանչեց, իսկ ինձ մի հնգանոց բաշխեց և թույլ տվեց ամբողջ երկու օր Կլանդոյի շրջանում ողորմություն հավաքել։ Ինչպե՜ս չէ։ Այնպես ծլկեցի Բերոունկովի շրջան, որ ասես ոտքերիս տակ հողն այրվում էր, ու էլ ոտք չդրի Կլադնո։ Մեր բոլոր տղերքը այդ տեղերից խույս էին տալիս, որովհետև ռոտմիստրը բոլորի վրա էլ կատարում էր իր փորձերը… Չտեսնված շատ էր սիրում նա այդ շներին։ Ժանդարմական բաժանմունքներում պատմում էին, թե երբ ռոտմիստրը ռևիզիա կատարելիս հանկարծ որևէ տեղ մի գամփռ է տեսնում՝ էլ ստուգում չի կատարում և ուրախությունից ամբողջ օրը վախմիստրի հետ օղի է կոնծում։

Եվ մինչ հովիվը կթափեր կարտոֆիլի ջուրը և ընդհանուր քրեղանի մեջ ոչխարի մածուն կլցներ, շրջմոլիկը շարունակում էր պատմել իր հիշողություննեը, թե ժանդարմներն ինչպես էին իշխանություն բանացնում։

— Լիպնիցում ժանդարմական վախմիստրը ապրում էր ուղղակի բանտի մոտ, հենց ժանդարմական բաժանմունքում։ Իսկ ես, ծեր հիմարս, կարծում էի, թե ժանդարմական բաժանմունքը միշտ էլ աչքի ընկնող տեղում պիտի լինի, հրապարակում կամ այդպիսի մի տեղ, և ոչ թե խուլ նրբանցքում։ Մարդ հո ցուցանակներին չի նայում, անցնում է տնից տուն և այդպես առաջ գնում։ Վերջապես, այդ տներից մեկի երկրորդ հարկում բացում եմ մի դուռ ու ներկայանում. «Ի սեր Քրիստոսի ողորմություն արեք աղքատ պանդուխտիս․․․»։ Բայց ի՜նչ։ Ոտքերս թուլացան։ Նայեմ-տեսնեմ ժանդարմական բաժանմունք է։ Պատի երկայնքով շարված հրացաններ, սեղանի վրա խաչելություն, պահարանի մեջ մատյաններ, սեղանի վերևից թագավոր կայսրը աչքերը տնկել է վրաս։ Դեռ բերանս չբացած, վախմիստրը տեղից վեր թռավ, մոտեցավ ինձ և տուր թե կտաս մռութիս։ Ցած գլորվեցի սանդուղքի բոլոր աստիճաններով և այդպես էլ կանգ չառա մինչև Կեյժլից։ Ահա թե, ախպերս, ինչպիսի իրավունքներ ունեն ժանդարմները։

Բոլորն սկսեցին ուտել և քիչ հետո տաքուկ խրճիթում պառկեցին նստարանների վրա ու քնեցին։

Կես գիշերին Շվեյկը վեր կացավ, սուսուփուս հագնվեց և դուրս եկավ։ Արևելքում ծագում էր լուսինը, և նրա աղոտ լույսով Շվեյկը քայլերն ուղղեց դեպի արևելք, ինքն իրեն կրկնելով. «Անկարելի բան է, որ ես Բուդեյովիցի չհասնեմ»։

Անտառից դուրս գալիս Շվեյկն իր աջ կողմում մի քաղաք տեսավ և այդ պատճառով ճանապարհը թեքեց դեպի հյուսիս, հետս նորից դեպի հարավ և դարձյալ մոտեցավ ինչ-որ քաղաքի։ Վոդյանին էր դա։ Շվեյկը մարգագետինների միջով ճարպկորեն շրջանցեց այդ քաղաքը, և արեգակի առաջին ճառագայթները նրան ողջունեցին Պրոտիվինի մոտ բարձրացող, լեռների ձյունապատ լանջերին։

— Հառա՛ջ,— ինքն իրեն հրամայեց քաջարի զինվոր Շվեյկը։— Պարտքս կանչում է ինձ։ Ես պետք է հասնեմ Բուդեյովիցի։

Բայց պատահմունքի դժբախտ բերումով, Շվեյկի քայլերը փոխանակ Պրոտիվինից դեպի հարավ՝ Բուդեյովիցի ուղղվելու, ուղղվեցին դեպի հյուսիս, դեպի Պիսեկ։

Կեսօրին մոտ նրա առաջ մի գյուղակ երևաց։ Բլուրից իջնելով, Շվեյկը մտածում էր. «Այսպես գործը առաջ չի գնա։ Եկ հարցնեմ, թե ինչպես պետք է գնալ Բուդեյովիցի»։

Մտնելով գյուղ, Շվեյկը շատ զարմացավ, երբ առաջին խրճիթի մոտ տնկված սյան վրա կարդաց. «Գյուղ Պուտիմ»։

— Ա՜յ քեզ բան,— հառաչեց Շվեյկը,— նորից ընկա Պուտիմ, որտեղ քնել եմ դեզի մեջ։

Դրանից հետո նա այլևս չզարմացավ, երբ լճակի հետևում գտնվող սպիտակ ներկած մի տնակից, որի վրա աչքի էր ընկնում «հավը» (որոշ տեղերում այդպես էին անվանում պետական արծիվը), իր ոստայնը ստուգող սարդի պես դուրս եկավ մի ժանդարմ։

Ժանդարմը քիպ մոտեցավ Շվեյկին և հարցրեց միայն.

― Ո՞ւր։

— Բուդեյովիցի, իմ գունդը։

Ժանդարմը հեգնաբար քմծիծաղ տվեց։

― Բայց չէ՞ որ Բուդեյովիցիից եք գալիս։ Ձեր այդ Բուդեյովիցին ձեր հետևն է մնացել։— Եվ Շվեյկին քարշ տվեց ոստիկանական բաժանմունք։

Պուտիմի ժանդարմական վախմիստրն ամբողջ շրջանում հայտնի էր արագ և միաժամանակ մեծ տակտով գործելու իր ընդունակությամբ։ Նա ձերբակալվածներին ու կալանավորներին երբեք չէր հայհոյում, սակայն ենթարկում էր այնպիսի ճարտար խաչաձև հարցաքննության, որ անմեղն էլ կխոստովաներ, թե մեղավոր է։

Այդ գործի համար նա առանձնացրել էր երկու ժանդարմների, և խաչաձև հարցաքննությունը միշտ տեղի էր ունենում ժանդարմական ամբողջ անձնակազմի քրքիջի ներքո։

— Քրեագիտության էությունը խորամանկ և միաժամանակ սիրալիր լինելու մեջ է,— ասում էր վախմիստրն իր ստորադրյալներին։— Սրա-նրա վրա բղավելը դատարկ բան է։ Մեղադրյալների և կասկածելիների հետ պետք է քաղաքավարի ու նրբավարի վարվել, բայց և միաժամանակ պետք է ջանալ նրանց հարցախեղդ անել։

— Բարի գալուստ, զինվորիկս,— ասաց ժանդարմական վախմիստրը Շվեյկին։— Համեցեք նստեցեք, ճանապարհից հոգնած կլինեք։ Հապա ասացեք մեզ, ո՞ւր եք գնում։

Շվեյկը կրկնեց, թե գնում է Չեխական Բուդեյովիցի, իր գունդը։

― Դուք, ինչպես երևում է, ճանապարհը կորցրել եք,— ասաց վախմիստրը ժպտալով։— Բանն այն է, որ դուք գալիս եք հենց Չեխական Բուդեյովիցիից, և ես կարող եմ դա շատ հեշտ ապացուցել։ Ձեր գլխավերևում կախված է Չեխիայի քարտեզը։ Նայեցեք, մեզնից դեպի հարավ գտնվում է Պրոտիվինը, Պրոտիվինից ավելի հարավ՝ Գլուբոկոյեն, իսկ էլ ավելի հարավ՝ Չեխական Բուդեյովիցին։ Ասել կուզեք դուք ոչ թե գնում եք Բուդեյովիցի, այլ գալիս եք Բուդեյովիցիից։

Վախմիստրը սիրալիր նայեց Շվեյկին, որը հանգիստ և արժանապատվորեն պատասխանեց.

― Եվ այնուամենայնիվ, ես գնում եմ Բուդեյովիցի։

Դա հնչեց ավելի ուժեղ, քան Գալիլեի՝ «Եվ այնուամենայնիվ պտտվում է» խոսքը, որ նա, հավանաբար, ասել է սաստիկ հուզված։

— Գիտե՞ք ինչ, զինվորիկս,— ասաց վախմիստրը առաջվա պես սիրալիր,— պարտավոր եմ ձեզ նախազգուշացնել (ասենք, ի վերջո ինքներդ էլ կհանգեք այդ եզրակացության), որ ամեն մի ժխտում դժվարացնում է անկեղծ խոստովանությունը։

— Գուք անկասկած իրավացի եք,— ասաց Շվեյկը։— Ամեն մի ժխտում դժվարացնում է անկեղծ խոստովանությունը, և ընդհակառակը։

— Ա՛յ, արդեն ինքներդ, զինվորիկս, սկսում եք ինձ հետ համաձայնվել։ Անկեղծ ասացեք, որտեղի՞ց դուրս եկաք, երբ գնում էիք «ձեր» այդ Բուդեյովիցի ասածը։ Ասում եմ՝ «ձեր», որովհետև, ըստ երևույթին, գոյություն ունեն նաև ուրիշ բուդեյովիցիներ, որոնք գտնվում են Պուտիմից դեպի հյուսիս և մինչև հիմա ոչ մի քարտեզի վրա չեն նշված։

— Ես դուրս եկա Թաբորից։

— Իսկ Թաբորում ի՞նչ էիք անում։

— Սպասում էի Բուդեյովիցիի գնացքին։

— Իսկ ինչո՞ւ գնացքով չգնացիք Բուդեյովիցի։

— Որովհետև տոմս չունեի։

— Իսկ ինչո՞ւ ձեզ, որպես զինվորի, զինվորական անվճար տոմս չտվին։

— Որովհետև մոտս ոչ մի փաստաթուղթ չկար։

— Ըհը՛, ահա թե ինչ,— հաղթանակորեն ասաց վախմիստրը ժանդարմներից մեկին։— Տղան այնքան էլ հիմար չէ, ինչպես ձևանում է։ Աշխատում է հետքերը թաքցնել։

Վախմիստրը հարցաքննությունն սկսեց նորից, չլսելու տալով փաստաթղթերին վերաբերվող բառերը․

― Եվ այդպես, դուրս եկաք Թաբորից։ Իսկ ո՞ւր էիք գնում։

— Չեխական Բուդեյովիցի։

Վախմիստրի դեմքը փոքր-ինչ խիստ արտահայտություն ընդունեց, և նրա հայացքը սևեռվեց քարտեզի վրա։

— Կարո՞ղ եք քարտեզի վրա մեզ ցույց տալ, թե որ ճանապարհով էիք գնում Բուդեյովիցի։

— Ես բոլոր տեղերը չեմ հիշում։ Հիշում եմ միայն, որ Պուտիմում արդեն մի անգամ եղել եմ։

Ժանդարմները արտահայտիչ հայացքներով իրար նայեցին։

— Ուրեմն, դուք եղել եք Թաբորի կայարանում։ Ի՞նչ կա ձեր գրպաններում, բոլորը հանեցեք։

Երբ Շվեյկին հիմնավորապես խուզարկեցին ու ոչինչ չգտան, բացի ծխամորճից ու լուցկու տուփից, վախմիստրն հարցրեց․

— Ասացեք, ինչո՞ւ ձեզ մոտ բացարձակապես ոչինչ չկա։

— Որովհետև ինձ ոչինչ հարկավոր չէ։

— Տե՜ր իմ աստված,— հառաչեց վախմիստրը,— ձեզ հետ գործ ունենալը տանջանք է… Դուք ասացիք, որ արդեն մի անգամ Պուտիմում եղել եք։ Այդ ժամանակ ի՞նչ էիք անում այստեղ։

— Պուտիմի մոտով գնում էի Բուդեյովիցի։

— Տեսնո՞ւմ եք ինչպես եք շփոթում։ Ինքներդ ասում եք, թե գնում էիք Բուդեյովիցի, մինչդեռ մենք ձեզ ապացուցեցինք, որ դուք գալիս եք Բուդեյովիցիից։

— Երևի պտույտ եմ գործել։

Վախմիստրն ու բոլոր ժանդարմները բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։

— Այդ պտույտ գործելը մտածել է տալիս, որ դուք պարզապես հոտվտում եք մեր շրջանում։ Թաբորի կայարանում երկա՞ր մնացիք։

— Մինչև Բուդեյովիցի կմեկներ վերջին գնացքը։

— Իսկ ի՞նչ էիք անում այնտեղ։

— Զինվորների հետ խոսում էի։

Վախմիստրը նորից մի հույժ բազմանշանակալից հայացք նետեց իրեն շրջապատողների վրա։

— Ինչի մասին էիք, օրինակ, նրանց հետ խոսում։ Ի՞նչ էիք նրանց հարցնում։

— Հարցնում էի ո՛ր գնդից են և ուր են գնում։

— Շատ լավ։ Իսկ չէի՞ք հարցնում, օրինակ, թե գունդը քանի՛ սվին ունի և թե ինչպե՛ս է ստորաբաժանված։

— Դա չէի հարցնում։ Ինքս վաղուց անգիր գիտեմ։

— Ուրեմն, դուք կատարելապես իրազեկ եք մեր զորքերի ներքին կառուցվածքին։

— Իհարկե, պարոն վախմիստր։

Այստեղ վախմիստրը գործի դրեց վերջին միջոցը, հաղթականորեն նայելով իր ժանդարմներին.

— Ռուսերեն խոսել գիտե՞ք։

— Չգիտեմ։

Վախմիստրը գլխով նշան արեց եֆրեյտորին և, երբ երկուսով միասին մտան հարևան սենյակը, ուր նա, իր հաղթանակի գիտակցումից հուզված, ձեռքերը շփելով, համոզված ասաց.

— Լսեցի՞ք։ Ռուսերեն խոսել չգիտե։ Երևում է, տղան կյանքում ամեն բան տեսել է։ Ամեն ինչ խոստովանեց, բայց ամենակարևորը ժխտում է։ Վաղն իսկ նրան կուղարկենք Պիսեկ, շրջանային վարչություն։ Քրեագիտության էությունը խորամանկ և միաժամանակ սիրալիր լինելու մեջ է։ Տեսա՞ք ինչպես հարցախեղդ արի։ Եվ ո՞ւմ մտքով կանցներ։ Որ նայում ես, հիմարի մեկն է թվում։ Այ, այդպիսի տիպերի նկատմամբ հարկավոր է նուրբ աշխատանք կատարել։ Իսկ ես գնամ արձանագրություն կազմեմ։

Եվ ինքնահաճ քմծիծաղը շուրթերին, ժանդարմական վախմիստրը մինչև երեկո թխում էր արձանագրությունը, որի յուրաքանչյուր նախադասության մեջ փայլում էր «spionagevefdächtig»[16] բառը։

Որքան վախմիստր Ֆլանդերկան շարունակում էր իր արձանագրությունը, այնքան իրադրությունը նրա համար պարզ էր դառնում։ Գրասենյակային տարօրինակ գերմաներենով գրված արձանագրությունը ավարտելով հետևյալ բառերով… «So melde Ich gehorsam, wird den feindlichen Offizier heutigen Tages nach Bezirksgendarmeriekommando Pisek, überliefert»[17], ― նա ժպտաց իր երկասիրությանը և կանչեց ժանդարմ եֆրեյտորին։

— Այդ թշնամու սպային ուտելու բան տվե՞լ եք։

— Համաձայն ձեր հրամանի, պարոն վախմիստր, սնունդով ապահովում ենք միայն նրանց, ովքեր բերման են ենթարկվել ու հարցաքննվել մինչև ցերեկվա ժամը տասներկուսը։

— Բայց ներկա դեպքում մենք գործ ունենք հազվադեպ բացառության հետ,— ծանրակշիռ կերպով ասաց վախմիստրը։— Նա ավագ սպա է, հավանաբար շտաբային։ Ինքներդ հասկանում եք, որ ռուսները մի ինչ-որ եֆրեյտորի չէին ուղարկի այստեղ լրտեսելու։ Մեկնումեկին ուղարկեցեք «Կատվի մոտ» պանդոկը նրա հարմար ճաշ բերելու։ Իսկ եթե արդեն ճաշ չկա, թող մի բան եփեն։ Հետո թող ռոմով թեյ պատրաստեն և այդ բոլորը ուղարկեն այստեղ։ Եվ ոչ մի ծպտուն, թե ում համար է։ Առհասարակ ոչ ոքի ոչ մի խոսք, թե ումն ենք բռնել։ Դա ռազմական գաղտնիք է։ Իսկ նա հիմա ի՞նչ է անում։

— Մի քիչ թութուն խնդրեց։ Նստել է հերթապահանոցում։ Բոլորովին հանգիստ է ձևանում, կարծես իր տանը լինի։ Ձեզ մոտ, ասում է, շատ տաք է։ Իսկ ձեր վառարանը ծուխ չի՞ անում։ Ձեր տեղը, ասում է, ինձ շատ է դուր գալիս։ Եթե վառարանը ծուխ անի, ծխնելույզ մաքրող կանչեցեք, որ ծխնելույզը մաքրի։ Բայց թող մաքրի իրիկնամտին և ոչ թե այն ժամանակ, երբ արեգակը ծխնելույզի վերևում լինի։

— Ա՜յ թե պտուղ է,— կատարյալ հիացմունքով ասաց վախմիստրը։— Ցույց է տալիս, թե իբր դա իրեն բնավ չի վերաբերվում։ Բայց հո գիտե, որ պետք է գնդակահարվի։ Այդպիսի մարդուն պետք է հարգել, թեկուզ և թշնամի լինի։ Չէ՞ որ մարդը դեպի անխուսափելի մահ է գնում։ Չգիտեմ, մեզնից որևէ մեկը կարո՞ղ էր այդպես դիմանալ։ Ով էլ որ նրա տեղը լիներ, թերևս իրեն կորցներ, թուլամորթություն աներ։ Իսկ նա նստած է իր համար և ասում է. «Ձեզ մոտ տաք է, և վառարանը ծուխ չի անում»։ Ա՛յ դա, պարոն եֆրեյտոր, կա՜մք է։ Այդպիսի մարդը պետք է ունենա պողպատե ջղեր, էնտուզիազմ, անձնուրացություն և արիություն։ Երանի մեր Ավստրիայում բոլորն այդպիսի էնտուզիաստներ լինեին։ Բայց այդ մասին չխոսենք։ Մեզ մոտ էլ էնտուզիաստներ կան։ Դուք «Ազգային քաղաքականություն» թերթում կարդացե՞լ եք հրետանու պորուչիկ Բերգերի մասին, որը բարձրացել է մի բարձր, եղևնու վրա և այնտեղ դիտակետ սարքել։ Երբ մերոնք նահանջել են, նա այլևս չի կարողացել ցած իջնել, որովհետև գերի կընկներ, և ահա սկսել է սպասել, թե մերոնք ե՞րբ են նորից թշնամուն քշելու, և սպասել է ամբողջ երկու շաբաթ, մինչև որ իր ուզածը կատարվել է։ Ամբողջ երկու շաբաթ նստած է եղել ծառի վրա և քաղցից չմեռնելու համար կրծել է եղևնու ամբողջ կատարը, սնվել ճյուղերով ու ասեղնատերևներով։ Երբ մերոնք եկել են, նա այնքան թուլացած է եղել, որ չի կարողացել ծառի վրա մնալ, ցած է ընկել, ջախջախվել ու մեռել։ Հետմահու պարգևատրվել է «Խիզախության համար» ոսկե մեդալով։

Եվ վախմիստրը լրջաբար ավելացրեց.

— Ահա դա՛ է, պարոն եֆրեյտոր, անձնուրացությունը, դա՛ է հերոսությունը։ Էհ, խոսքով ընկանք։ Գնացեք նրա համար ճաշ պատվիրեցեք, իսկ առայժմ նրան ուղարկեցեք ինձ մոտ։

Եֆրեյտորը բերեց Շվեյկին, և վախմիստրը նրան մտերմավարի գլխով ցույց տալով աթոռը՝ հարցաքննությունը վերսկսեց այն հարցով, թե արդյոք նա ծնողներ ունի՞։

— Չունեմ։

Վախմիստրը խորհեց, թե ավելի լավ է, որ չունի, քանի որ ոչ ոք ստիպված չի լինի ողբալ այդ դժբախտի կորուստը։ Այդ ժամանակ նա նայեց Շվեյկի բարեհամբույր դեմքին հանկարծ, բարի զգացմունքներով տոգորված, ձեռքով թեթևակի խփեց նրա ուսին, ավելի մոտ թեքվեց ու հայրական տոնով հարցրեց.

— Հը՞, մեր Չեխիան ձեզ դո՞ւր է գալիս։

— Չեխիայի ամեն տեղը ինձ դուր է դալիս, ամեն տեղ ինձ շատ լավ մարդիկ են հանդիպել։

Վախմիստրը գլխով հավանության նշան արեց։

— Մեզ մոտ մարդիկ շատ լավն են ու համակրելի։ Եթե երբեմն էլ մի կռիվ կամ գողություն է պատահում, դա հաշիվ չէ։ Արդեն տասնհինգ տարի է, որ ես այստեղ եմ, և, իմ հաշվով, այստեղ տարեկան տեղի է ունենում երեք քառորդ սպանություն։

— Ինչպե՞ս թե, լրի՞վ չեն սպանում, չե՞ն վերջացնում,— հարցրեց Շվեյկը։

— Ոչ, այդ չեմ ասում։ Տասնհինգ տարվա ընթացքում մենք հետաքննել ենք ընդամենը տասնմեկ սպանություն. հինգը կատարվել է կողոպուտի նպատակով, իսկ մնացած վեցը այնպիսի պատճառներով, որոնց մասին նույնիսկ չարժե խոսել։

Վախմիստրը լռեց, ապա նորից անցավ հարցաքննության իր մեթոդին.

— Իսկ ի՞նչ էիք մտադիր անել Բուդեյովիցիում։

— Իննսունմեկերորդ գնդում անցնել պարտականություններիս կատարմանը։

Վախմիստրը Շվեյկին նորից ուղարկեց պահականոց, իսկ ինքը, չմոռանալու համար, Պիսեկի շրջանային ժանդարմական վարչությանն ուղղած իր զեկուցագրի մեջ ավելացրեց. «Չեխերենին տիրապետում է կատարելապես։ Մտադիր է եղել Բոլդեյովիցիում թափանցել 91-րդ հետևակ գունդը»։

Նա ուրախ-ուրախ ձեռքերը շփեց։ Վախմիստրը գոհ էր այդ հարուստ նյութից և առհասարակ այն արդյունքներից, որ տվել էր հարցաքննելու իր մեթոդը։ Նա հիշեց իր նախորդին՝ վախմիստր Բյուրգերին, որը ձերբակալվածի հետ չէր էլ խոսում, ոչ մի բան չէր հարցնում, այլ անհապաղ ուղարկում էր շրջանային դատարան հետևյալ համառոտ զեկույցով. «Համաձայն ժանդարմական ենթասպայի զեկույցի, այսինչը կալանավորված է շրջմոլիկության և մուրացկանության համար»։ Եվ դա հարցաքննությո՞ւն է։

Եվ նայելով զեկուցագրի խզմզված էջերին, վախմիստրը ինքնագոհ ժպտաց, գրասեղանի արկղից հանեց Պրագայի ժանդարմական գլխավոր վարչության գաղտնի շրջաբերականը, որ ուղարկված էր «հույժ գաղտնի» սովորական մակագրությամբ, և կարդաց մի անգամ ևս.

«Ժանդարմական բոլոր բաժանմունքներին խստագույնս կարգադրվում է հատուկ զգոնությամբ հետևել իրենց շրջաններից անցնող անձանց: Արևելյան Գալիցիայում մեր զորքերի վերախմբավորումը մի քանի ռուսական զորամասերի հնարավորություն է տվել Կարպատներն անցնելուց հետո դիրքեր գրավել ավստրիական հողերում, որի հետևանքով փոխվել է ռազմաճակատի գիծը, որն ավելի է խորացել պետական սահմանից դեպի արևմուտք։ Այդ նոր իրադրությունը ռուսական հետախույզներին հնարավորություն է տվել խորապես թափանցել երկրի թիկունքը, հատկապես Սիլեզիա և Մորավիա, որտեղից, ըստ գաղտնի տվյալների, մեծ թվով ռուսական հետախույզներ անցել են Չեխիա: Հաստատված է, որ նրանց մեջ կան շատ ռուսական չեխեր, ռուսական գլխավոր շտաբի ակադեմիայի սաներ, որոնք, կատարելապես տիրապետելով չեխերենին, հանդիսանում են հույժ վտանգավոր հետախույզներ, քանի որ կարող են դավաճանական պրոպագանդա մղել և կմղեն նաև չեխ բնակչության մեջ: Ի նկատի ունենալով այդ, ժանդարմական գլխավոր վարչությունը կարգադրում է ձերբակալել բոլոր կասկածելի անձանց և զգոնությունը բարձրացնել հատկապես այն վայրերում, որոնց մոտերքում կան կայազորեր, զինվորական կետեր և այնպիսի երկաթուղային կայարաններ, որոնցով գինվորական գնացքներ են անցնում: Ձերբակալվածներին անհապաղ խուզարկել և ուղարկել վերին ինստանցիա»:

ժանդարմական վախմիստրը նորից ինքնագոհ ժպտաց և գաղտնի շրջաբերականը զետեղեց մի թղթապանակի մեջ, որի վրա գրված էր. «Գաղտնի կարգադրություններ»։

Այդ բազմաթիվ կարգադրությունները կազմում էր Ներքին գործոց մինիստրությունը Պաշտպանության մինիստրության հետ միասին, որին ենթարկվում էր ժանդարմերիան։

Պրագայի ժանդարմական գլխավոր վարչությունում չէին հասցնում դրանք բազմացնել և ուղարկել։

Թղթապանակի մեջ կային.

Հրաման տեղական բնակիչների տրամադրություններին հետևելու մասին։

Հրահանգ, թե ինչպես տեղական բնակիչների հետ ունեցած խոսակցություններից պարզել, թե նրանց մտքերի վրա ի՛նչ ներգործություն են ունենում ռազմական գործողությունների բեմից ստացվող լուրերը։

Անկետա․ տեղի ազգաբնակչությունն ի՞նչ վերաբերմունք ունի ռազմական փոխառությունների և նվիրատվություններ հավաքելու նկատմամբ։

Անկետա․ ի՞նչ տրամադրություններ կան տեղական ինքնավարության անդամների և ինտելիգենցիայի շրջանում։

Կարգադրություն․ անհապաղ պարզել, թե քաղաքական ի՞նչ կուսակցությունների է հարում տեղական բնակչությունը, որքան է ուժեղ քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրը։

Հրաման․ հետևել տեղի քաղաքական կուսակցությունների պարագլուխների գործունեությանը և պարզել, թե ինչ աստիճան լոյալ են այն քաղաքական կուսակցությունները, որոնց հարում է բնակչությունը։

Անկետա․ ի՞նչ թերթեր, ժուռնալներ ու բրոշյուրներ են ստացվում տվյալ ժանդարմական բաժանմունքին ենթակա շրջանում։

Հրահանգ. ինչպե՛ս պարզել, թե ում հետ են կապեր պահպանում անլոյալության մեջ կասկածվող անձինք և ինչով է արտահայտվում նրանց անլոյալությունը։

Հրահանգ, թե ինչպես վճարովի մատնիչներ ու լրտուներ հավաքագրել տեղական ազգաբնակչության միջից։

Հրահանգ տեղական բնակչության միջից հավաքագրված և ժանդարմական բաժանմունքին ծառայող լրատուների համար։

Յուրաքանչյուր օրն իր հետ բերում էր նոր հրահանգներ, հրամաններ, անկետաներ ու կարգադրություններ։

Խեղդվելով Ավստրիայի Ներքին գործոց մինիստրության այդ գյուտերի ծովում, վախմիստր Ֆլանդերկան շատ «պարտքերի մնացորդներ» ուներ և անկետաներին տալիս էր միատեսակ պատասխաններ, թե իր շրջանում ամեն ինչ կարգին է և տեղիս բնակչության լոյալությունը համապատասխանում է II a աստիճան:

Միապետության նկատմամբ բնակչության լոյալությունը գնահատելու համար Ավստրիայի Ներքին գործոց մինիստրությունը հնարել էր այսպիսի աստիճանակարգ.

I a I b I c
II a II b II c
III a III b III c
IV a IV b IV c

Հռոմեական չորսը «a»-ի հետ նշանակում էր դավաճանություն ու կախաղան, «b»-ի հետ՝ համակենտրոնացման ճամբար, իսկ «c»-ի հետ` հետամտել և բանտարկել։

Ժանդարմական վախմիստրի գրասեղանի արկղերում կային ամեն տեսակ տպագիր կարգադրություններ ու մատյաններ։ Իշխանությունները ցանկանում էին իմանալ, թե յուրաքանչյուր քաղաքացի ինչ է մտածում իր կառավարության մասին։

Վախմիստր Ֆլանդերկան հաճախ էր վհատվում այդ «գրականությունից», որ գալիս էր յուրաքանչյուր փոստով։ Հենց որ տեսնում էր «անվճար պաշտոնական» շտեմպելը կրող ծանոթ մի ծրար, սիրտն սկսում էր թրթռալ։ Գիշերը երկար խոհրդածելուց հետո սա հանգում էր այն եզրակացության, որ մինչև պատերազմի վերջը չի ապրի, որ Երկրամասային ժանդարմական վարչությունը նրան կզրկի բանականության վերջին փշուրներից և նա բախտ չի ունենա ուրախանալու ավստրիական զենքի հաղթանակով, քանզի մինչ այդ նրա գլխից պակասած կլինեն շատ պտուտակներ։

Իսկ ժանդարմական շրջանային վարչությունը օր օրի վրա նրան ռմբակոծում էր հարցապնդումներով, թե ինչո՞ւ մինչև հիմա պատասխան չի տրված №d անկետային, ինչպես է կատարվում №z հրահանգը, ինչպիսի գործնական արդյունքներ է ունեցել №v հրամանը, և այլն։

Նրան ամենից շատ գլխացավանք էր պատճառում այն հրահանգը, թե ինչպես պետք է տեղական բնակչության միջից վարձու մատնիչներ ու լրտուներ հավաքագրել։ Վերջապես գալով այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ մեկին հավաքագրել այն վայրից, ուր սկիզբ է առնում Բլատան, որովհետև այնտեղ բոլորը պնդաճակատներ են, նա որոշեց իր մոտ ծառայության վերցնել համայնքի հոտաղին, որին Տռճինկ Պեպկա մականունն էին կպցրել։ Այդ Պեպկան ապուշի մեկն էր, որ իր մականունը լսելուն պես սկսում էր տռճինկ տալ, բնությունից ու մարդկանցից ծաղրված, դժբախտ ու խեղանդամ մի արարած, որ տարեկան մի երկու զլոտինով ու հացափորի արածացնում էր գյուղի հոտը։

Եվ ահա վախմիստրը հրամայում է Պեպկային կանչել իր մոտ և նրան ասում է.

— Գիտե՞ս, Պեպկա, ով է «ծեր Պրոխազկան»։

— Մե-մեե՜․․․

— Մի՛ մկկա։ Միտդ պահիր, որ այդպես են անվանում թագավոր կայսրին։ Գիտե՞ս ով է թագավոր կայսրը։

— Նա թագավոլ կայսլն է…

— Ապրե՛ս, Պեպկա։ Ուրեմն, իմացիր, եթե տնից տուն ճաշի գնալիս լսես, որ մեկնումեկն ասում է, թե թագավոր կայսրը անասուն է կամ այդպիսի մի բան, եկ ու ինձ հայտնիր։ Դրա համար ինձնից քսան հելլեր կստանաս։ Իսկ եթե լսես, որ մեկնումեկն ասում է, թե մենք պատերազմը տանուլ կտանք, դարձյալ եկ ինձ մոտ, հասկանո՞ւմ ես։ Կհայտնես, թե ասողն ով էր, և նորից քսան հելլեր կստանաս։ Բայց եթե իմանամ, որ մի բան թաքցրել ես, վերջդ վատ կլինի։ Կձերբակալեմ ու կուղարկեմ Պիսեկ։ Իսկ հիմա տռճինկ տուր տեսնեմ։— Պեպկան տռճինկ է տալիս, իսկ վախմիստրը նրան քսան հելլեր է նվիրում և, ինքն իրենից գոհ, ժանդարմական վարչությանը զեկուցագիր գրում, թե լրտու է հավաքագրել։

Հետևյալ օրը վախմիստրի մոտ գալիս է քահանան և որպես գաղտնիք հայտնում, թե առավոտյան գյուղից դուրս հանդիպել է գյուղի հոտաղ Տռճինկ Պեպկային և նա իրեն ասել է. «Տել հայլ, ելեկ պան վախմիստլը ասաց, թե թագավոլ կայսլը անասուն է և մենք պատերազմը տանուլ կտանք։ Մե-մեե․․․ հո՛պ»։

Քահանայի հետ ունեցած խոսակցությունից հետո վախմիստրը հրամայում է գյուղի հոտաղին ձերբակալել։ Հետագայում Գրադչանիի դատարանը հոտաղին պետական դավաճանության համար դատապարտել էր քսան տարվա բանտարկության։ Պեպկան մեղադրվում էր վտանգավոր և դավաճանական գործողությունների, մարդկանց մտքերը պղտորելու, նորին մեծությանը վիրավորանք հասցնելու և մի շարք այլ հանցանքների ու զանցանքների մեջ։

Տռճինկ Պեպկան դատարանում իրեն պահել էր ինչպես արոտատեղում կամ հարևանների մոտ, բոլոր հարցերին պատասխանել էր այծի պես մկկալով, իսկ դատավճիռը կարդալիս բղավել էր «Մե-եե՜… հո՛պ» և տռճինկ էր տվել։ Դրա համար պատժվել էր կարգապահական կարգով, այն է՝ կոշտ անկողին, մենախուց և շաբաթական երեք օր միայն հաց և ջուր։

Այդ օրվանից վախմիստրը լրտու չուներ և ստիպված էր բավարարվել նրանով, որ ինքն իր համար լրտու էր հնարել. վերադասին հնարովի անուն էր հայտնել և, այդպիսով, իր ամսական եկամուտն ավելացրել հիսուն կրոնով, որը խմում էր «Կատվի մոտ» պանդոկում։ Գարեջրի տասներորդ գավաթից հետո վախմիստրը սկսում էր խղճի խայթ զգալ, գարեջուրը նրան դառն էր թվում, և նա հարևաններից միշտ լսում էր միևնույն խոսքը. «Այսօր մեր վախմիստրը մի տեսակ տխուր է, կարծես քեֆը տեղը չի»։ Այնժամ նա գնում էր տուն, իսկ նրա հեռանալուց հետո միշտ մեկնումեկը ասում էր. «Երևի մերոնք Սերբիայում նորից տակներն են արել, որ վախմիստրն այսօր այդպես լուռ է»։

Իսկ վախմիստրը տանը լրացնում էր անթիվ ու անհամար անկետաներից մեկը․

«Բնակչության տրամադրությունը — Ia…»

Ռևիզիայի և հետաքննության սպասելով, վախմիստրը հաճախ երկար ու անքուն գիշերներ էր լուսացնում։ Աչքին երևում էր կախաղանի պարանի օղակը, նրան թվում էր, թե ահա իրեն մոտեցնում են կախաղանին, և վերջին պահին պաշտպանության մինիստրն ինքը, կախաղանի մոտ կանգնած, ցածից բարձրաձայն հարցնում է նրան․

«Wachmeister, wo ist die Antwort des Zirkulärs № x, y, z.?»[18]

Բայց դա առաջ էր։ Հիմա նրան թվում էր, թե ժանդարմական վարչության բոլոր անկյուններից լսում է որսորդական հին շնորհավորանքը. «Շնորհավոր որսդ»։ Եվ ժանդարմական վախմիստրը չէր տարակուսում, որ շրջանային ժանդարմական վարչության պետը ձեռքը կդնի նրա ուսին և կասի․

«Ich gratuliere Ihnen, Herr Wachmeister…»[19]

Ժանդարմական վախմիստրի երևակայությունը մեկը մյուսից հհրապուրիչ պատկերներ էր գծում։ Նրա չինովնիկական ուղեղի գալարներում հառնում ու վետվետում էին պարգևանշաններ, պաշտոնի բարձրացումներ և իր քրեագիտական ընդունելությունների վաղուց ակնկալած գնահատությունը, ընդունակություններ, որոնք նրան մեծ կարիերա էին խոստանում։

Վախմիստրը կանչեց եֆրեյտորին ու հարցրեց.

— Ճաշ գտա՞ք։

— Նրա համար կաղամբով ու կնեդլիկով պատրաստած ապխտած խոզի միս բերին։ Սուպ չկար արդեն։ Մի բաժակ թեյ խմեց և էլի է ուզում։

— Տալ,— մեծահոգաբար թույլ տվեց վախմիստրը։— երբ թեյից կշտանա, բերեք ինձ մոտ։

Կես ժամ հետո եֆրեյտորը բերեց կուշտ կերած և, ինչպես միշտ, գոհունակ Շվեյկին։

— Հը՞, ճաշը ձեզ դո՞ւր եկավ,— հարցրեց վախմիստրը։

— Տանելի ճաշ է, պարոն վախմիստր։ Միայն թե վատ չէր չինի, որ մեջը ավելի շատ կաղամբ գցեին։ Բայց ի՛նչ արած, ես գիտեմ, որ ճաշը պատրաստելիս նրանք ինձ չեն նկատի ունեցել։ Խոզի միսը լավն է, հավանաբար տանու ապուխտ է, տանու խոզի մսից։ Ռոմով թեյն էլ լավն է։

Վախմիստրր նայեց Շվեյկին ու սկսեց.

— Ճի՞շտ է, որ Ռուսաստանում թեյ շատ են խմում։ Այնտե՞ղ էլ ռոմ կա։

— Աշխարհումս ամեն տեղ էլ ռոմ կա, պարոն վախմիստր։

«Սկսում է խոսքը դես ու դեն գցել,— մտածեց վախմիստրը։— Դու առաջուց պետք է մտածեիր, թե ինչ ես ասում»։ Եվ մտերմաբար թեքվեք ով դեպի Շվեյկը՝ հարցրեց.

— Իսկ Ռուսաստանում սիրունիկ աղջիկներ կա՞ն։

— Սիրունիկ աղջիկներ ամեն տեղ էլ կան, պարոն վախմիստր։

«Ա՜յ թե ինչպիսին ես դու,— նորից մտածեց վախմիստրը։— Երևի որոշել է հետքերը խճճել»,— և միանգամից շպպացրեց քառասուներկու սանտիմետր տրամաչափի թնդանոթի պես.

— Ի՞նչ էիք մտադիր անել Իննսունմեկերորդ գնդում։

— Գնդի հետ գնալ ռազմաճակատ։

Վախմիստրը գոհունակությամբ նայեց Շվեյկին ու մտածեց. «Ճիշտ է։ Դա Ռուսաստան ընկնելու ամենալավ միջոցն է»։

— Շատ լավ է մտածված,— հիացմունքով ասաց նա, դիտելով, թե իր խոսքերը Շվեյկի վրա ինչ տպավորության են գործում, սակայն նրա աչքերի մեջ չնկատեց ոչինչ, բացի կատարյալ հանգստությունից։

«Աչքն էլ չի ճպի,— հոգու խորքում սարսափեց վախմիստրը,— համա թե դիմանալ գիտեն դրանք։ Եթե դրա տեղը ես լինեի, այդ բառերը լսելիս ոտքերս կթուլանային»։

— Առավոտյան ձեզ կուղարկենք Պիսեկ,— ասաց նա իբր թե հենց այնպես։— Պիսեկում երբևէ եղե՞լ եք։

— Հազար իննհարյուր տասը թվին, կայսերական զորախաղերի ժամանակ։

Վախմիստրի դեմքին մի գոհունակ ու հաղթական ժպհտ խաղաց։ Նա զգաց, որ խաչաձև քննության իր մեթոդի մեջ ինքն իրեն գերազանցեց։

— Այնտեղ մնացիք մինչև զորախաղերն ավարտվե՞լը։

— Իհարկե, պարոն վախմիստր։ Ես հետևակի մեջ էի։

Շվեյկը շարունակում էր նայել վախմիստրին, որն ուրախությունից շուռումուռ էր գալիս աթոռի վրա և այլևս չէր կարող դիմանալ, մինչև որ այդ ամենը չմտցներ զեկուցագրի մեջ։ Նա կանչեց եֆրեյտորին և հրամայեց Շվեյկին տանել, իսկ ինքն իր զեկուցագրի մեջ ավելացրեց.

«Ունեցել է այսպիսի պլան. 91-րդ գնդի շարքերը խցկվելուց հետո խնդրել, որ իրեն անմիջապես ուղարկեն ռազմաճակատ, այստեղից նա առաջին իսկ հնարավորության դեպքում կփախչեր Ռուսաստան, քանի որ տեսնում է, որ, շնորհիվ մեր օրգանների զգոնության, հնարավոր չէ այլ կերպ վերադառնալ այնտեղ։ Միանգամայն հավանական է, որ նա կարող էր հաջողությամբ իրագործել իր մտադրությունը, քանի որ, համաձայն նրա ցուցմունքների, որոնք ձեռք են բերված երկարատև խաչաձև հարցաքննությամբ, դեռևս 1910 թվին որպես շարքային մասնակցել է Պիսեկի շրջանում տեղի ունեցած կայսերական զորախաղերին, որից երևում է, որ այդ ասպարեզում մեծ փորձ ունի։ Թույլ եմ տալիս ինձ ընդգծել, որ իմ հավաքած մեղադրական նյութը հանդիսանում է խաչաձև հարցաքննության իմ սիստեմի արդյունքը»։

Դռան առաջ երևաց եֆրեյտորը.

— Պարոն վախմիստր, նա խնդրում է թույլ տալ, որ գնա արտաքնոց։

— Bajonett auf![20],— հրամայեց վախմիստրը։— Բայց ոչ, նրան բերեք այստեղ։

— Դուք ուզում եք արտաքնո՞ց գնալ,— սիրալիր հարցրեց Շվեյկին վախմիստրը։— Արդյոք դրա մեջ որևէ ուրիշ մեծ բան չի՞ թաքնված։

— Միանգամայն ճիշտ է։ Ես ուզում եմ հոգալ իմ «մեծ կարիքը», պարոն վախմիստր,— պատասխանեց Շվեյկը։

— Տեսեք, հա՜, հանկարծ ուրիշ բան դուրս չգա,— բազմանշանակալից ասաց վախմիստրը, աստրճանակի կոբուրը կոճկելով։

— Իմ ատրճանակը լավն է,— ասաց նա Շվեյկին ճանապարհին,— յոթլիցքանի է, միանգամայն, ճիշտ է խփում, նշանակետին։

Սակայն բակ դուրս գալուց առաջ վախմիստրը կանչեց եֆրեյտորին ու ասաց նրան.

— Սվինը հագցրեք հրացանին, և երբ նա ներս մտնի՝ կանգնեցեք արտաքնոցի հետևում։ Չլինի թե հանկարծ աղբահորի տակով ական փորի։

Արտաքնոցը մի սովորական փայտյա բուդկա էր, որ տրտում կանգնած էր բակի մեջ, աղբակույտի մոտ։ Մի հին վետերան էր դա, որի մեջ իրենց բնական պահանջները հոգացել էին շատ սերունդներ։ Հիմա այնտեղ նստել էր Շվեյկը և մի ձեռքով բռնել դռան թելը, մինչդեռ եֆրեյտորը հետևի փոքրիկ լուսամուտից նայում էր նրա հետույքին, հետևելով, որ չլինի թե հանկարծ նա ական փորի։

Ժանդարմական վախմիստրի բազեի աչքերը մխվել էին դռանը. նա միտք էր անում, թե Շվեյկի ո՞ր ոտքին խփի, եթե նա փախչելու փորձ անի։

Սակայն դուռը կամացուկ բացվեց, և արտաքնոցից դուրս եկավ բավարարված Շվեյկը, որը վախմիստրին հարցրեց․

— Հո շատ երկար չմնացի՞ այնտեղ։ Հո ձեզ սպասել չտվի՞։

— Օ՜, բնավ ոչ, բնավ ոչ,— պատասխանեց վախմիստրը և մտածեց. «Որքան քաղաքավարի ու նրբանկատ են դրանք բոլորը։ Լավ գիտե, թե իրեն ինչ է սպասում, բայց դարձյալ սիրալիր է։ Պետք է արդարացի լինել, մարդը քաղաքավարի է մինչև իր վերջին րոպեն։ Մի՞թե մեզնից մեկնումեկը կարող էր իրեն այդպես պահել, եթե նրա տեղը լիներ»։

Վախմիստրը մնաց պահականոցում և նստեց Շվեյկի կողքին, ժանդարմ Ռամպայի թափուր անկողնու վրա։ Այդ Ռամպան վերակարգի մեջ էր և մինչև առավոտ պետք է շրջագայեր մոտակա գյուղերը։ Ներկա պահին նա նստած էր արդեն Պրոտիվինում, «Սև ձիու մոտ» պանդոկում, և կոշկակարների հետ «ինն» էր խաղում, խաղի ընդմիջումներին ապացուցելով, թե Ավստրիան կհաղթի։

Վախմիստրը վառեց իր ծխամորճը, Շվեյկին էլ թութուն տվեց ծխամորճի համար, եֆրեյտորը փայտ նետեց վառարանի մեջ, և ժանդարմական բաժանմունքը դարձավ աշխարհիս ամենահաճելի անկյունը, տաքուկ մի բույն։ Վրա հասավ ձմեռային մթնշաղը․․․ Իջավ գիշերը, մտերմական սրտաբաց զրույցների պահը։

Բոլորը լուռ էին։ Վախմիստրը երկար ժամանակ ինչ-որ բան էր խորհում և, վերջապես, դիմեց օգնականին․

— Իմ կարծիքով, լրտեսներին կախելը ճիշտ բան չէ։ Այն մարդը, որ իրեն զոհում է հանուն պարտքի, հանուն իր, այսպես ասած, հայրենիքի, արժանի է գնդակից մեռնելու պատվին։ Դուք ի՞նչ կարծիքի եք, պարոն եֆրեյտոր։

— Իհարկե, ավելի լավ է նրան գնդակահարել, և ոչ թե կախել,― համաձայնվեց եֆրեյտորը։— Եթե մեզ, օրինակ, ուղարկեն ու ասեն. «Գուք պետք է պարզեք, թե ռուսներն ինչքան գնդացիր ունեն իրենց գնդացրային զորամասում», ի՛նչ արած, զգեստներս կփոխենք ու կգնանք։ Եվ դրա համար ինձ պիտի կախե՞ն ավազակի պես»։

Եֆրեյտորն այնքան ոգևորվեց, որ տեղից վեր կացավ ու հայտարարեց․

— Ես պահանջում եմ, որ ինձ գնդակահարեն ու թաղեն զինվորական պատիվներով։

— Բայց այստեղ մի խոչընդոտ կա,— ասաց Շվեյկը։— Եթե լրտեսը հիմար մարդ չէ, դե եկ ու մերկացրու նրան։ Երբեք չեն կարող մերկացնել։

— Ոչ, կմերկացնեն,— տաքացավ վախմիստրը։— Չէ՞ որ նրանք էլ հիմար չեն և իրենք էլ իրենց հատուկ սիստեմն ունեն։ Դուք դրան անձամբ կհամոզվեք։

— Կհամոզվե՛ք,— կրկնեց նա արդեն հանգիստ, տոնով և միաժամանակ սիրալիր ժպտալով։— Որքան էլ մարդ պատեպատ ընկնի, միևնույն է, մեզ մոտ դա նրան չի օգնի։ Ճիշտ չե՞մ ասում, պարոն եֆրեյտոր։

Եֆրեյտորը գլխով հավանության նշան արեց և ասաց, թե որոշ մարդիկ կան, որոնք իրենց գործն արդեն վաղուց տանուլ են տվել, և ինչքան ուզում են թող հանգիստ ձևանան, դա նրանց չի օգնի։ Որքան մարդ ցույց է տալիս, թե հանգիստ է, այնքան ավելի է իրեն մատնում։

— Դուք իմ դպրոցի հետևորդ եք, եֆրեյտոր,— բարբառեց վախմիստրը հպարտորեն։— Հանգստությունը օճառի պղպջակ է, իսկ շինծու հանգստությունը հանդիսանում է corpus delicti[21]։

Եվ ընդհատելով իր տեսության շարադրումը, նա դիմեց եֆրեյտորին։

— Ի՞նչ անենք ընթրիքի համար։

— Իսկ այսօր պանդոկ չե՞ք գնալու, պարոն վախմիստր։

Այստեղ վախմիստրի առաջ իր հասակով մեկ ծառացավ մի բարդ պրոբլեմ, որ անհապաղ լուծում էր պահանջում։ Իսկ եթե կալանավորը օգտվելով նրա գիշերային բացակայությունից՝ փախչի՞։ Եֆրեյտորը, ճիշտ է, հուսալի և զգույշ մարդ է, բայց արդեն մի անգամ նրա ձեռքից երկու շրջմոլիկ է փախել։ Իրականում բանն այսպես էր եղել, եֆրեյտորը չէր ցանկացել նրանց հետ սառնամանիքին քարշ գալ մինչև Պիսեկ և Ռաժիցի մոտ նրանց բաց էր թողել մի դաշտում, ձևի համար մի անգամ օդի մեջ կրակելով։

― Մեր տատիկին ուղարկենք ընթրիք բերի։ Իսկ գարեջուրը կկրի փայտյա ջրամանով,― լուծեց, վերջապես, վախմիստրն այդ բարդ պրոբլեմը։— Թող տատիկը մի լավ վազվզի, ոսկորները մի քիչ ժաժումաժ գան։

Եվ պառավ Պեյզլիրկան, որ նրանց սպասարկում էր, այդ երեկո իսկապես մի լավ վազվզեց։ Ընթրիքից հետո էլ հաղորդակցությունը չընդհատվեց ժանդարմական բաժանմունք — «Կատվի մոտ» պանդոկ գծի վրա։ Պառավի մեծ ու ծանր սապոգների անհամար հետքերը վկայում էին, որ վախմիստրը որոշել է իրեն լիովին հատուցել այն բանի համար, որ բացակայում է «Կատվի մոտ» պանդոկից։

— Ասում եք ով կա նրանց մո՞տ։ Մի կասկածելի մարդ,— պատասխանեց պառավը պանդոկապետի հարցին։— Ես հիմա այնտեղից եմ գալիս. երկուսով նստած են իրար գրկած, իսկ վախմիստրը շոյում է նրա գլուխն ու ասում. «Անգի՜նըս, սլավոնական իմ հոգյակ, իմ սիրելի լրտեսիկ․․․»։

Իսկ երբ կես գիշերից բավական անցել էր, ժանդարմական բաժանմունքն իրենից ներկայացնում էր այսպիսի մի տեսարան․ եֆրեյտորը լրիվ համազգեստը հագին, անկողնու լայնքով պառկած-քնած էր բարձրաձայն խռմփացնելով, նրա դիմաց, շշի հատակին մնացած կոնտուշովկան առաջը դրած, նստել էր վախմիստրը և գրկել Շվեյկի պարանոցը։ Արցունքները հոսում էին նրա արևառ դեմքն ի վար, կոնտուշովկայից մորուքի մազերը իրար էին կպել։ Նա քրթմնջում էր․

― Դե՛հ, խոստովանիր, որ Ռուսաստանում այսպիսի լավ կոնտուշովկա չի գտնվի։ Ասա, որ կարողանամ հանգիստ քնել։ Խոստովանիր տղամարդու պես։

— Չի գտնվի։

Վախմիստրը ընկավ Շվեյկի վրա։

— Ուրախացրիր ինձ, խոստովանեցիր։ Ահա այդպես էլ պետք է խոստովանել հարցաքննության ժամանակ։ Քանի որ մեղավոր ես, ի՞նչ կարիք կա ժխտելու։

Նա ոտքի կանգնեց և, տարուբերվելով, դատարկ շիշը ձեռքին, դիմեց դեպի իր սենյակը, քրթմնջալով.

— Եթե ես միանգամից ճիշտ ճա-ճա-նապարհ չընտրեի, կարող էր բո-բոլորովին ուրիշ բան ստացվել։

Նախքան մունդիրով անկողնու վրա փռվելը, նա գրասեղանի արկղից հաննց իր զեկուցագիրը և ջանաց այն լրացնել հետևյալ տվյալով.

«Ich muss noch dazu beizufügen, das die russische Kontuszówka[22] § 56-ի հիման վրա…»։

Նա թանաք կաթեցրեց թղթի վրա, լեզվով լիզեց կաթիլը և, միանգամից, հիմարաբար ժպտալով, գլորվեց-ընկավ անկողնու վրա ու քնեց մեռածի պես։

Առավոտյան դեմ ժանդարմական եֆրեյտորը, որ քնած էր դիմացի պատի տակ դրված մահճակի վրա, սկսեց այնպես խռմփալ ու սվսվալ, որ Շվեյկն արթնացավ։ Նա վեր կացավ, մի լավ ցնցեց եֆրեյտորին ու նորից պառկեց։ Աքաղաղները կանչեցին-պրծան, ծագեց արևը, և պառավ Պեյզլիրկան, որ գիշերվա վազվզոցից հետո արդեն քունն առել էր, եկավ վառարանը վառելու։ Դռները բաց էին, ամեն ինչ սուզված էր խորունկ քնի մեջ։ Պահականոցի նավթի լամպը, դեռ մխում էր։ Պառավը տագնապ բարձրացրեց և եֆրեյտորին ու Շվեյկին քաշեց-հանեց մահճակալների վրայից։ Նա եֆրեյտորին ասաց.

— Գոնե ամաչեիք, որ անասունի պես պառկում եք առանց հանվելու,— իսկ Շվեյկին դիտել տվեց, որ շալվարի կոճակները կոճկի, երբ առաջը կին է կանգնած։

Վերջապես, նա քնաթաթախ եֆրեյտորին ստիպեց գնալ ու արթնացնել վախմիստրին և նրան ասել, թե այդքան շնթռկելը բանի նման չէ։

— Համա՜ թե մարդկանց մեջ եք ընկել,— քրթմնջում էր պառավը, դիմելով Շվեյկին, մինչ եֆրեյտորը կարթնացներ վախմիստրին։— Մեկը մյուսից թունդ է լակում։ Նրանք իրենք իրենց էլ կծախեն ու կխմեն։ Արդեն երեք տարի վարձս չեն տվել, բայց հենց որ ձայն եմ հանում, վախմիստրը, թե՝ «Լռեցեք, տատիկ, թե չէ կհրամայեմ ձեզ նստեցնել։ Մեզ ստուգապես հայտնի է, որ ձեր տղան որսագող է և գողանում է կալվածատիրոջ ցախը»։ Եվ ահա չորս տարի ձեռներին տանջվում եմ։— Պառավը մի խորունկ հառաչ արձակեց ու շարունակեց մրթմռթալ։— Վախմիստրից է՛լ ավելի զգույշ եղեք։ Նրա պես աղվես ու գարշելի մարդ քիչ կգտնվի։ Միայն այն է մտածում, թե ում չանթի ու նստեցնի։

Վախմիստրին հազիվ արթնացրին։ Եֆրեյտորը շատ ջանք թափեց, մինչև որ կարողացավ նրան համոզել, թե արդեն առավոտ է։

Վերջապես, նա աչքերը բացեց, բռունցքով տրորեց և դժվարությամբ, կամաց-կամաց սկսեց վերհիշել անցած երեկոն։ Հանկարծ նրա մտքով մի զարհուրելի բան անցավ, և նա վախեցած, պղտոր աչքերով նայելով եֆրեյտորին, հարցրեց.

— Փախե՞լ է։

— Քավ լիցի, ազնիվ տղա է։

Եֆրեյտորն սկսեց սենյակում գնալ ու գալ, հետո լուսամուտից դուրս նայեց, ապա հետ դարձավ, սեղանի վրա ընկած թերթից մի կտոր թուղթ պատռեց, կոլոլեց ու գնդիկ շինեց։ Պարզ երևում էր, որ ինչ-որ բան է ուզում ասել։

Վախմիստրը անվստահ նայում էր նրան և, վերջապես, ցանկանալով ստույգն պարզել, թե նա ինչ է մտածում իր մասին, ասաց.

— Դե լավ, ես ձեզ կօգնեմ, պարոն եֆրեյտոր. երևի երեկ ես նորից համը հանել եմ։

Եֆրեյտորը հանդիմանորեն նայեց իր պետին.

— Եթե գիտենաք, պարոն վախմիստր, թե ինչե՜ր էիք խոսում երեկ։ Էլ բան չմնաց, որ չասեիք։

Եվ գլուխը մոտեցնելով վախմիստրի ականջին՝ փսփսաց.

— Թե մենք՝ չեխերս և ռուսները, սլավոնական միևնույն արյունից ենք, թե Նիկոլայ Նիկոլաևիչը եկող շաբաթ կլինի Պրշերովում, թե Ավստրիան չի դիմանա, և նրան խորհուրդ էիք տալիս, որ հետագա հարցաքննության ժամանակ ամեն ինչ ժխտի, դատարկ-մատարկ դուրս տա և այդ կերպ այնքան քաշքշի, մինչև որ կազակները գան ու իրեն փրկեն։ Հետո ասում էիք, թե շատ շուտով ամեն ինչ տակնուվրա կլինի, կվերսկսվեն հուսյան պատերազմները, գյուղացիները շղթաներով կշարժվեն Վիեննայի վրա, թե թագավոր կայսրը զառամել է ու շուտով ոտքերը կմեկնի, իսկ Վիլհելմ կայսրը գազան է։ Հետո խոստացաք նրան փող ուղարկել բանտը, որպեսզի նա այնտեղ լավ սնվի, և ուրիշ շատ այդպիսի բաներ ասացիք։

Եֆրեյտորը հեռացավ վախմիստրից.

— Ես այդ ամենը շատ լավ հիշում եմ,— ավելացրեց նա,— որովհետև սկզբում այնքան էլ կոնծած չէի, իսկ արդեն հետո, ճիշտ է, լավ հարբեցի ու էլ ոչինչ չեմ հիշում։

Վախմիստրը նայեց եֆրեյտորին։

— Իսկ ես հիշում եմ,— ասաց նա,— թե ինչպես դուք ասում էիք, որ ռուսների համեմատությամբ մենք փսլնքոտներ ենք, և նույնիսկ պառավի ներկայությամբ գոռացիք. «Կեցցե Ռուսաստանը»։

Եֆրեյտորն սկսեց ջղայնացած գնալ ու գալ սենյակում․

— Եվ դա այնպես էիք բղավում,― կարծես ձեզ մորթում էին,— ասաց վախմիստրը։— Իսկ հետո թավալվեցիք մահճակի լայնքով մեկ ու խռմփացրիք։

Եֆրեյտորը կանգ առավ լուսամուտի մոտ և, մատներով ապակին տկտկացնելով, ասաց.

— Բայց դուք էլ, պարոն վախմիստր, պառավի ներկայությամբ ձեր լեզուն ձեզ չէիք քաշել։ Դուք նրան, հիշում եմ, ասացիք․ «Տատի՛կ, լավ իմացեք, ամեն մի կայսր կամ թագավոր իր գրպանի մասին է մտածում, դրա համար էլ հիմա պատերազմ է։ Նույնպիսի թագավոր է և այդ հալից ընկածը, «ծերուկ Պրոխոզկան», որին անհնար է արտաքնոցից դուրս բերել, քանի դեռ ամբողջ Շենբրունը չի ապականել»։

— Դա ե՞ս եմ ասել։

— Այո, պարոն վախմիստր, հենց ինքներդ, երբ փսխելու համար ուզում էիք բակ դուրս գալ, և դեռ բղավեցիք, «Տատիկ, ձեր մատը խոթեցեք կոկորդս»։

— Բայց դուք էլ հիանալի արտահայտվեցիք,— ընդհատեց նրան վախմիստրը։— Որտեղի՞ց է ձեր գլուխը մտել այն հիմարությունը, թե Նիկոլայ Նիկոլաևիչը պետք է Չեխիայի թագավոր դառնա։

— Դա, ճիշտն ասած, չեմ հիշում,— անվճռականորեն պատասխանեց եֆրեյտորը։

— Այն էր մնացել, որ հիշեիք։ Լուլ հարբած էիք, հորթի պես աչքներդ չռել էիք, իսկ երբ «դուրս գնալ» էիք ուզում, դռնից դուրս գալու փոխարեն բարձրացաք փեչի վրա։

Երկուսն էլ լռեցին, մինչև որ, վերջապես, վախմիստրը խզեց լռությունը.

— Ես միշտ ձեզ ասել եմ, որ ալկոհոլը մահ է։ Չեք կարողանում խմել, բայց խմում եք։ Իսկ եթե նա մեր ձեռքից փախչե՞ր։ Ինչո՞վ կարդարանայինք։ Ա՛խ, աստված իմ, գլուխս ինչպե՜ս է տրաքում։ Ես ձեզ ասում եմ, պարոն եֆրեյտոր,— շարունակեց վախմիստրը,— քանի որ չի փախել, միանգամայն պարզ է դառնում, թե որքան հեռատես ու վտանգավոր պտուղ է։ Երբ նրան այնտեղ հարցաքննեն, կասի, թե մեր դուռն ամբողջ գիշերը փակ չի եղել, թե մենք հարբած ենք եղել և, եթե ինքն իրեն մեղավոր համարեր՝ կարող էր հազար անգամ փախչել։ Դեռ լավ է, որ մեր բախտից այդպիսի մարդուն չեն հավատա, և եթե մենք երդմամբ ասենք, թե դա սուտ է և անպատկառ հերյուրանք, ապա նրան աստված էլ չի կարող օգնել, և դեռ մի նոր պարագրաֆ էլ կկպցնեն, և վե՛րջ։ Թեև նրա վիճակի մեջ նոր պարագրաֆը ոչ մի դեր չի խաղա․․․ Գոնե գլուխս այսպես չցավեր։

Լռություն տիրեց։ Մի րոպե հետո վախմիստրը հրամայեց պառավին կանչել։

— Լսեցեք, տատիկ,— ասաց վախմիստրը Պեյզլիրկային, խիստ-խիստ նայելով նրա դեմքին,— որևէ տեղից մի պատվանդանավոր խաչելություն գտեք և բերեք այստեղ։— Ապա տեսնելով պառավի տարակուսալից հայացքը՝ գոռաց.— Շո՛ւտ։ Մի րոպեից այստեղ լինի։

Այնուհետև վախմիստրը գրասեղանի արկղից հանեց երկու մոմ, որոնց վրա զմուռսի հետքեր էին մնացել պաշտոնական գրությունները կնքելուց հետո, և երբ պառավը քարշ գալով բերեց խաչելությունը, նա խաչը դրեց սեղանի եզրին, երկու մոմերի մեջտեղը, մոմերը վառեց ու հանդիսավորապես ասաց.

— Նստեցեք, տատի՛կ։

Պեյզլիրկա տատիկը, զարմանքից քարացած, ընկավ դիվանի վրա և սկսեց վախեցած նայել վախմիստրին, մոմերին ու խաչելությանը։ Պառավը սարսափահար էր եղել, և երևում էր, թե ինչպես դողում էին նրա ոտքերն ու ծնկներին դրած ձեռքերը։

Վախմիստրը մի-երկու անգամ գնաց-եկավ նրա մոտով, հետո կանգ առավ ու հանդիսավորապես բարբառեց.

— Երեկ երեկո դուք վկա էիք մի մեծ իրադարձության, տատիկ։ Հնարավոր է, որ ձեր տխմար գլուխը դա չի հասկանում։ Այն, զինվորը, տատիկ, հետախույզ է, լրտես։

— Հիսո՜ւն Քրիստոս,— բացականչեց Պեյզլիրկան,— Մարիա՜մ աստվածածին, Սկոչիցայի սուրբ Մարիամ։

— Կամա՛ց։ Ուրեմն, այսպես։ Նրանից որոշ բաներ իմանաու համար մենք ստիպված էինք ամեն տեսակ, գուցե և տարօրինակ, բաներ խոսել, որ դուք երեկ լսեցիք։ Լսեցիք, չէ՞, ինչ տարօրինակ բաներ էինք խոսում։

— Լսեցի,— կերկերուն ձայնով թոթովեց պառավը։

— Այդ բաները, տատի՛, մենք ասում էինք միայն նրա համար, որ նա մեզ վստահեր ու խոստովաներ։ Եվ դա մեզ հաջողվեց. ինչ գաղտնիք որ ուներ՝ իմացանք։ Չանթեցինք աղավնյակին։

Վախմիստրն իր խոսքն ընդհատեց մոմերի պատրույգներն ուղղելու համար, ապա շարունակեց հանդիսավոր տոնով, խիստ հայացքով նայելով պառավ Պեյզլիրկային.

— Դուք, տատի՛, այդ ժամանակ ներկա էիք և, այդպիսով, գաղտնիքին տեղյակ եք։ Դա պետական գաղտնիք է, չհամարձակվեք մեկն ու մեկի մոտ այդ մասին, ծպտուն հանել։ Նույնիսկ մահվան մահիճում այդ մասին չպետք է խոսեք, թե չէ հնարավոր չի լինի ձեզ գերեզմանատանը թաղել։

— Հիսո՜ւս Քրիստոս, սուրբ Հովսեփ,— ողբաց Պեյզլիրկան,— ո՞ր սատանան ինձ բերեց այստեղ։

— Չզռա՛լ։ Վեր կացեք, մոտեցեք սուրբ խաչելությանը, երկու մատներդ ծալեցեք և ձեռքերնիդ բարձրացրեք։ Հիմա ինձ երդում պետք է տաք։ Կրկնեցեք ինչ որ կասեմ…

Պեյզլիրկա տատիկը մոտեցավ սեղանին, ողբալով․

— Սուրբ աստվածածի՜ն, Սկոչիցայի Մարիամ, ախր ինչո՞ւ ես ոտք դրի այս տունը։

Խաչի վրայից նրան նայում էր Քրիստոսի տանջված դեմքը, մոմերը մխում էին, և այդ ամենը պառավին մի սարսափելի և անդրերկրային բան էր թվում։ Նա բոլորովին իրեն կորցրել էր, ծնկներն իրար էին զարկվում, ձեռքերը դողում էին։ Պառավը բարձրացրեց մատները ծալած ձեռքը, և ժանդարմական վախմիստրը հանդիսավորապես, արտահայտիչ եղանակով արտասանեց երդման խոսքերը.

— Երդվում եմ ամենակարող աստծուն և ձեզ, պարոն վախմիստր, որ մինչև մեռնելս ոչ ոքի չեմ ասի, ինչ որ տեսել ու լսել եմ այստեղ, չեմ ասի, եթե նույնիսկ ինձ հարցնելու լինեն։ Աստված ինձ օգնական։

— Հիմա համբուրեցեք խաչը,— հրամայեց վախմիստրը, երբ Պեյզլիրկան բարձրաձայն հեծկլտալով կրկնեց երդումը և երկյուղածորեն խաչակնքեց երեսը։— Այդպես, իսկ հիմա խաչելությունը տարեք տվեք ումնից որ բերել եք և այնտեղ ասացեք, թե խաչելությունն ինձ հարկավոր էր հարցաքննության համար։

Շվարած Պեյզլիրկան, խաչելությունը ձեռքին, ոտքի մատների վրա դուրս եկավ սենյակից, և լուսամատից երևում էր, թե ինչպես նա րոպեն մեկ հետ էր դառնում ու նայում ժանդարմական բաժանմունքին, ասես ցանկանալով համոզվել, որ եղածը երազ չէր և իսկապես քիչ առաջ նա ապրել էր իր կյանքի ամենասոսկալի պահերից մեկը։

Այդ միջոցին վախմիստրն արտագրում էր իր զեկուցագիրը, որ նա գիշերը լրացրել էր թանաքակաթիլներով, դրանցով այնպես լղոզելով տեքստը, որ կարծես մարմելադ լիներ։

Նա կրկին վերամշակեց ամբողջ զեկուցագիրը և հիշեց, որ մոռացել է Շվեյկին, հարցաքննել ևս մի բանի մասին։ Վախմիստրը հրամայեց Շվեյկին բերել և նրան հարցրեց.

— Լուսանկարել դիտե՞ք։

— Գիտեմ։

— Իսկ ինչո՞ւ լուսանկարչական ապարատ չունեք։

— Որովհետև լուսանկարչական ապարատ չունեմ,— անկեղծորեն խոստովանեց Շվեյկը։

— Իսկ եթե ապարատ ունենայիք, կլուսանկարեի՞ք,— հարցրեց վախմիստրը։

— Եթե մորաքույրս տղամարդ լիներ, նրան քեռի կասեի,— պարզասրտորեն ասաց Շվեյկը, իր հանգիստ հայացքով պատասխանելով վախմիստրի փորձող հայացքին։

Այդ պահին վախմիստրի գլուխը նորից այնպես ցավեց, որ նա չկարողացավ տալ այլ հարց, քան միայն այս.

— Արդյոք կայարաններ լուսանկարելը դժվա՞ր է։

— Ավելի հեշտ, քան մի այլ բան,— պատասխանեց Շվեյկը։― Նախ՝ կայարանը չի շարժվում, այլ կանգնած է միևնույն տեղում, իսկ, երկրորդ, կարիք չկա նրան ասելու. «Աշխատեցեք ժպտալ»։

Այժմ վախմիստրը կարող էր իր զեկուցագրին ավելացնել․ «Zu dem Berich։, №2172, melde ich»[23]։ Այդ լրացումի մեջ վախմիստրը ազատություն տվեց իր ոգևորությանը.

«Խաչաձև հարցաքննության ժամանակ ձերբակալվածը, ի միջի այլոց, ցուցմունք տվեց, թե լուսանկարել գիտե և ավելի շատ սիրում է կայարաններ լուսանկարել։ Թեև խուզարկելիս նրա մոտ լուսանկարչական ապարատ չգտնվեց, բայց կասկած կա, որ նա որևէ տեղ թաքցրել է հիշյալը և այն չի կրում միայն նրա համար, որ կասկած չհարուցի։ Դա հաստատվում է նաև նրա սեփական խոստովանությամբ, թե կլուսանկարեր, եթե մոտը ապարատ ունենար…»։

Վախմիստրը խումարից ավելի ու ավելի էր խճճվում լուսանկարչական ապարատին վերաբերվող իր հաղորդման մեջ։ Նա գրեց.

«Ձերբակալվածի ցուցմունքներից միանգամայն պարզորեն բխում է, որ միայն ապարատ չունենալու հանգամանքն է նրան խանգարել լուսանկարելու երկաթուղային կառույցները և առհասարակ ստրատեգիական նշանակություն ունեցող վայրերը։ Կասկածի ենթակա չէ, որ նա իր մտադրությանը ի կատար կածեր, եթե իր թաքցրած վերոհիշյալ լուսանկարչական ապարատը մոտը լիներ։ Միայն շնորհիվ այն հանգամանքի, որ ապարատը մոտը չի եղել, նրա մոտ ոչ մի լուսանկար չհայտնաբերվեց»։

Վախմիստրն իր ստեղծագործությունից շատ գոհ էր և պարծենալով կարդաց եֆրեյտորի համար․

— Հաջող է դուրս եկել,— ասաց նա։— Տեսնում եք, ինչպես պետք է կազմել զեկուցագրերը։ Այստեղ ամեն ինչ պետք է լինի։ Հետաքննությունը, սիրելիս, այնքան էլ հեշտ բան չէ, և որ գլխավարն է, հարկավոր է զեկուցագրի մեջ ամեն ինչ վարպետորեն շարադրել, որպեսզի վերին ինստանցիայում բերանները բաց մնա։ Հապա նրան բերեք այստեղ։ Ժամանակն է այս գործը վերջացնելու։

— Եվ այսպես, պարոն եֆրեյտորը ձեզ կտանի Պիսեկի ժանդարմական շրջանային վարչություն,— ասաց նա Շվեյկին լուրջ դեմքով։— Համաձայն հրահանգի, անհրաժեշտ է ձեզ ուղարկել ձեռնակապերով, բայց նկատի առնելով, որ իմ կարծիքով դուք կարգին մարդ եք, ձեր ձեռքերը չենք շղթայի։ Համոզված եմ, որ ճանապարհին փախչելու փորձ չեք անի։— Եվ վախմիստրը, ըստ երևույթին զգացված այն բարեհոգությունից, որ դրոշմված էր Շվեյկի դեմքին, ավելացրեց.

— Ինձ բարի հիշեցեք։ Տարե՛ք դրան, պարոն եֆրեյտոր, ահա ձեզ իմ զեկուցագիրը։

— Մնաք բարով,— քնքշաբար ասաց Շվեյկը։— Շնորհակալություն, պարոն վախմիստր, ձեր բոլոր լավությունների համար։ Առիթ լինելիս ձեզ նամակ կգրեմ, իսկ թե որ ձեր կողմերն ընկնեմ՝ անպայման կայցելեմ։

Շվեյկն ու եֆրեյտորը դուրս եկան խճուղի, և ով որ տեսներ նրանց, թե ինչպես են մտերմաբար զրուցում, պիտի կարծեր, թե վաղեմի ծանոթներ են, որ հանկարծ ճանապարհին հանդիպել և միասին գնում են որևէ տեղ, ասենք, եկեղեցի։

— Երբեք մտքովս չէր անցնի,— ասում էր Շվեյկը,— թե Բուդեյովիցի ճանապարհը կարող է այսքան դժվար լինել։ Դա ինձ հիշեցնում է այն դեպքը, որ պատահել է Կոբիլիսցի մսագործ Խաուրոյին։ Մի անգամ նա Մորանում հասնամ է Պալացկու արձանին և սկսում շուրջը պտտվել մինչև առավոտ, կարծելով, թե պատի երկայնքով է քայլում, իսկ պատը վերջ չունի։ Մարդը հուսահատվում, առավոտյան դեմ բոլորովին հալից ընկնում է և սկսում «օգնությո՛ւն» բղավել։ Իսկ երբ ոստիկանները վազելով գալիս են, նրանց հարցնում է, թե ինչպես պետք է գնա Կորիլիս՝ իր տունը, որովհետև, ասում է, արդեն հինգ ժամ է քայլում եմ ինչ-որ պատի երկայնքով, որը վերջ չունի։ Ոստիկանները նրան ձերբակալում են, իսկ նա ոստիկանական բաժանմունքում ամեն ինչ ջարդուփշուր է անում։

Եֆրեյտորը ոչինչ չասաց և մտածեց․ «Ախր ինչի՞ համար ես ինձ պատմում այդ ամենը։ Նորից սկսել է գլուխս եղել իր այդ Բոլդեյովիցիով»։

Նրանք անցնում էին լճակի մոտով, և Շվեյկն սկսեց հետաքրքրվել, թե նրանց շրջանում շա՞տ ձկնորսներ կան, որ ձուկը որսում են առանց թույլտվության։

— Այստեղ բոլորը որսագողեր են,— պատասխանեց եֆրեյտորը։— նրանք նախկին վախմիստրին ուզում էին խեղդել։ Լճակի պահակը նրանց հետույքները դաղում է խոզաստևով լցրած փամփուշտներով, բայց բան դուրս չի գալիս, քանի որ շալվարների մեջ թիթեղ են դնում։

Եվ եֆրեյտորը հարևանցիորեն անդրադարձավ առաջադիմության թեմային, այն հարցին, թե մարդիկ մինչև ո՛ւր են հասել և թե ինչպես են իրար խաբում, ապա զարգացրեց մի նոր տեսություն, թե պատերազմը մի մեծ բարիք է ամբողջ մարդկության համար, որովհետև կարգին մարդկանց հետ սպանվում են նաև շատ սրիկաներ ու խաբեբաներ։

— Առանց այն էլ աշխարհում չափից շատ մարդ կա,— ասաց նա խորիմաստորեն։— Բոլորի համար նեղվածք է, մարդիկ չտեսնված շատ են բազմացել։

Նրանք մոտենում էին իջևանատանը։

— Այսօր շատ ցուրտ է,— ասաց եֆրեյտորը։— Կարծում եմ, վատ չէր լինի մի-մի գավաթ խմեինք։ Այնտեղ ոչ ոքի չասեք, թե ձեզ Պիսեկ եմ տանում։ Դա պետական գաղտնիք է։

Եֆրեյտորի աչքերի առաջ հառնեց կենտրոնից ստացված հրահանգը կասկածելի անձանց և յուրաքանչյուր ժանդարմական բաժանմունքի պարտավորությունների մասին, ըստ որի անհրաժեշտ է «կասկածելի անձանց մեկուսացնել տեղական բնակչությունից և խստորեն հետևել, որ այդպիսիներին հաջորդ ինստանցիա ուղարկելը շրջանի ազգաբնակչության մեջ ավելորդ խոսակցությունների ու ասեկոսեների տեղիք չտա»։

— Չլինի թե ձեր բերանից խոսք թռցնեք, թե ինչ պտուղ եք,— ասաց եֆրեյտորը։— Ոչ ոքի գործը չէ, թե դուք ինչ եք արել։ Խուճապի առիթ չտաք։ Պատերազմի ժամանակ խուճապը շատ վատ բան է։ Բավական է մեկը բերանից մի բան թռցնի, իսկույն կտարածվի ամբողջ շրջանում։ Հասկացա՞ք։

— Ես խուճապ չեմ առաջացնի,— ասաց Շվեյկը և հիրավի իրեն պահեց ըստ իր այդ հայտարարության։

Երբ իջևանատերը փորձեց նրա հետ խոսել, Շվեյկը հազիվ լսելի ձայնով ասաց.

— Այ, եղբայրս ասում է, թե մի ժամից կհասնենք Պիսեկ։

— Ուրեմն, ձեր եղբայրն արձակուրդի մե՞ջ է,— հարցրեց հետաքրքրասեր պանդոկապետը եֆրեյտորին։

Վերջինս բոլորովին չշփոթվելով՝ պատասխանեց.

— Այսօր նրա արձակուրդը վերջանում է։

Երբ պանդոկապետը մի կողմ քաշվեց, եֆրեյտորը Շվեյկին աչքով արեց ու ասաց.

— Գլուխը լավ եղեցինք։ Գլխավորը խուճապ չառաջացնելն է։ Պատերազմական ժամանակ է։

Իջևանատուն մտնելուց առաջ եֆրեյտորն ասել էր, թե մի գավաթ խմելը վատ չէր լինի, սակայն այն ժամանակ նա չափից ավելի լավատես էր եղել, քանզի չէր նախատեսել, թե այդ գավաթների թիվը որքանի պիտի հասներ։ Տասներկուերորդ գավաթը պարպելուց հետո նա բարձրաձայն և վճռականորեն հայտարարեց, թե շրջանային ժանդարմական բաժանմունքի պետը մինչև ժամը երեքը ճաշում է և միտք չունի դրանից առաջ տեղ հասնել, մանավանդ որ դրսում բուք է։ Եթե Պիսեկ հասնեն երեկոյան ժամը չորսին, ապա մինչև վեցն ինչքան ասես ժամանակ կմնա։ Եղանակից երևում է, որ ստիպված են լինելու մթնով գնալ։ Հիմա շուտ կամ ուշ գնալու միջև ոչ մի տարբերություն չկա, Պիսեկը տեղից չի փախչի։

— Մենք պետք է ուրախ լինենք, որ նստած ենք տաք տեղում,— եզրափակեց նա։— Այս եղանակին ավելի վատ է գտնվել այնտեղ, խրամատներում, քան մեզ պես նստել այստեղ, վառարանի մոտ։

Կաֆելապատ մեծ վառարանը ջերմություն էր բուրում, և եֆբեյտորը հավաստեց, թե անհրաժեշտ է զանազան քաղցր ու թունդ թրմօղիներով արտաքին ջերմությունը լրացնել ներքին ջերմությամբ, ինչպես ասում են Գալիցիայում։ Իջևանատերն ուներ ութ տեսակ թրմօղի, և նա նրանց հետ միասին սկսեց փարատել իջևանատան ձանձրույթը, իր տնակի շուրջը մոլեգնող բուքի աղմուկի տակ հերթականորեն ու անշտապ անուշ անելով թրմօղիների բոլոր տեսակները։

Եֆրեյտորը բարձրաձայն գոռում էր իջևանատիրոջը, որ իրենից հետ չմնա, և մի գլուխ խմում էր, շարունակելով նրան մեղադրել, թե քիչ է խմում։ Բայց դա բացարձակ զրպարտություն էր, քանի որ իջևանատերն արդեն հազիվ էր կարողանում ոտքի վրա մնալ, շարունակ պահանջում էր, որ «ինն» խաղան, և նույնիսկ ասաց, թե անցյալ գիշեր արևելքից թնդանոթաձգության ձայն է լսել։ Եֆրեյտորն ի պատասխան զկռտաց.

— Ա-այդ մե՜կը թող։ Առանց խուճապի։ Այդ մասին մենք հրահանգ ունենք,— և սկսեց բացատրել, որ հրահանգ նշանակում է վերջին կարգադրությունների հավաքածու։

Այդ միջոցին նա բերնից խոսք թռցրեց մի քանի գաղտնի շրջաբերականների մասին։ Իջևանատերն այլևս ոչինչ չէր հասկանում։ Միակ բանը, որ նա կարողացավ կմկմալով ասել, այն էր, թե շրջաբերականներով հնարավոր չէ պատերազմ շահել։

Արդեն օրը մթնել էր, երբ եֆրեյտորը որոշեց Շվեյկի հետ ճանապարհ ընկնել դեպի Պիսեկ։ Քուրքի մեջ երկու քայլի վրա ոչինչ չէր նշմարվում։ Եֆրեյտորն անդադրում կրկնում էր․

— Հո՛ւպ տուր ուղիղ մինչև Պիսեկ։

Այդ բանը երրորդ անգամ ասելիս նրա ձայնը լսվեց ոչ թե խճուղուց, այլ ներքևում գտնվող ինչ-որ տեղից, ուր նա գլորվել էր ձյան վրայով։ Հրացանին հենվելով նա մի կերպ դուրս եկավ ճանապարհի վրա։ Շվեյկը լսեց նրա խուլ ծիծաղը․ «Կարծես սահադաշտ լինի»։ Մի րոպե անց նրա ձայնը նորից լսվեց․ նա դարձյալ գլորվեց դարալանջն ի վար, այնպես գոռալով, որ խլացրեց քամու սուլոցը.

— Ընկնում եմ, խուճա՛պ։

Եֆրեյտորն այդ պահին նման էր աշխատասեր մրջյունի, որը որևէ տեղից ցած գլորվելով՝ նորից համառորեն դեպի վեր է մագլցում։ Հինգ անգամ կրկնելով այդ վարժությունը և, վերջապես, հասնելով Շվեյկին, նա վհատված ասաց․

— Ես հիմա կարող էի ձեզ հեշտությամբ կորցնել։

— Բարեհաճեցեք չանհանգստանալ, պարոն եֆրեյտոր,— ասաց Շվեյկը։— Ամենից լավն այն կլինի, որ մենք մեկ-մեկու կապվենք, այն ժամանակ իրար չենք կորցնի։ Ձեռնաշղթան ձեզ մո՞տ է։

— Ամեն մի ժանդարմ պարտավոր է մոտը ձեռնաշղթա ունենալ,— ծանրակշիռ կերպով ասաց եֆրեյտորր,— սայթաքելով Շվեյկի կողքին։— Դա մեր հացն է հանապազօրյա։

— Դե որ այդպես է, եկեք իրար լծվենք,— առաջարկեց Շվեյկը,— փորձը փորձանք չէ։

Եֆրեյտորը մի ճարպիկ շարժումով ձեռնաշղթայի մի օղակն ամրացրեց Շվեյկի, իսկ մյուսը՝ իր ձեռքին։ հիմա նրանք, երկուսով իրար էին միացել, ինչպես Սիամի երկվորյակները։ Երկուսն էլ սայթաքում էին, և եֆրեյտորն իր հետևից Շվեյկին քաշ էր տալիս քարակույտերի միջով, իսկ ընկնելիս նրան ձգում-տանում էր իր հետևից։ Այդ միջոցին ձեռնաշղթայի օղակները խրվում էին նրանց ձեռքերի մեջ։ Վերջապես եֆրեյտորն ասաց, թե այդպես շարունակել չի կարելի և հարկավոր է անջատվել։ Իրեն ու Շվեյկին ձեռնաշղթայից ազատելու երկար ու ապարդյուն ջանքերից հետո եֆրեյտորը հառաչելով ասաց.

— Մենք իրար կապված ենք հավիտյանս հավիտենից։

— Ամե՛ն,— ավելացրեց Շվեյկը, և շարունակեցին դժվարին ճանապարհը։

Եֆրեյտորին համակել էր անլուր մի հուսահատություն։ Երկար տառապանքներից հետո նրանք ուշ երեկոյին քաշեքաշ հասան Պիսեկ։ Ժանդարմական վարչության սանդուղքի վրա եֆրեյտորը Շվեյկին վհատված ասաց.

— Մեր բանը բուրդ է, մենք իրարից չենք պոկվի։

Եվ հիրավի, նրանց բանը բուրդ էր։ Հերթապահ վախմիստրը մարդ ուղարկեց վարչության պետ ռոտմիստր Քյոնիգին կանչելու։ Ռոտմիստրի առաջին իսկ խոսքն այս եղավ.

— Շնչեցեք դեմքիս։ Հիմա ամեն ինչ հասկանալի է։

Իր փորձառու հոտառության օգնությամբ նա արագ ու անսխալ սահմանեց հետևյալ դիագնոզը.

— Ռոմ, կոնտուշովկա, չյորտ, սնձօղի, ընկույզօղի, բալօղի և վանիլօղի։ Պարոն վախմիստր,— դիմեց նա իր ստորադրյալին,— ահա ձեզ օրինակ, թե ժանդարմն ինչպիսի տեսք, չպիտի ունենա։ Նման օյիններ խաղալը այնպիսի մի հանցագործություն է, որ կքննի ռազմական դատարանը։ Մարդ էլ ձեռնաշղթայով ինքն իրեն կապի՜ կալանավորին և գա թունդ հարբած, այստեղ մտնի այսպիսի անասունի կերպարանքով։ Արձակեցեք դրանց ձեռնաշղթաները։

Եֆրեյտորն իր ազատ մնացած ձեռքով պատիվ տվեց։

— Էլ ի՞նչ կա, հարցրեց նրան ռոտմիստրը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ռոտմիստր, զեկուցագիր եմ բերել։

— Հենց ձեր մասին զեկուցագիր կուղարկվի դատարան,— կարճ ու կտրուկ ասաց ռոտմիստրր։— Պարոն վախմիստր, երկուսին էլ նստեցնել։ Վաղն առավոտյան նրանց կբերեք մոտս հարցաքննության, իսկ Պուտիմից եկած այդ զեկուցագիրը նայեցեք և ուղարկեցեք ինձ՝ իմ բնակարանը։

Պիսեկի ռոտմիստրը տիպիկ չինովնիկ էր՝ ստորադրյալների նկատմամբ խիստ և մինչև ուղն ու ծուծը բյուրոկրատ։

Նրան ենթակա ժանդարմական բաժանմունքներում մարդիկ երբեք չէին կարող թեթևացած սրտով ասել. «Է՜հ, փառք աստծու, սև ամպն անցավ»։ Սև ամպը վերադառնում էր ռոտմիստր Քյոնիգի ձեռքով ստորագրված ամեն մի նոր գրության հետ։ Առավոտից մինչև երեկո ռոտմիստրը նկատողություններ, հիշեցումներ ու նախազգուշացումներ էր գրում և առաքում ամբողջ շրջանին։

Պիսեկի բոլոր ժանդարմական բաժանմունքների գլխին սև ամպեր կախվեցին պատերազմի հենց սկզբից։

Մարդկանց տրամադրությունն անտանելի էր։ Բյուրոկրատական որոտները ճայթում էին ժանդարմների գլխին, և շարունակ մերթ այս, մերթ այն վախմիստրի, եֆրեյտորի, շարքային ժանդարմների կամ գրասենյակային ծառայողների վրա շանթեր էին տեղում։

— Եթե մենք ուզում ենք հաղթել,— ասում էր ռոտմիստր Քյոնիգը ժանդարմական բաժանմունքները կատարած իր տեսչական ուղևորությունների ժամանակ,— հարկավոր է հասնել տրամաբանական վախճանի. «ա»-ն պետք է լինի «ա», «բ»-ն՝ «բ»։

Նա իր շուրջն ամենուրեք դավադրություններ ու դավաճանություններ էր կասկածում։ Հաստատ համոզված էր, որ իր շրջանի ամեն մի ժանդարմ պատերազմական ժամանակին հատուկ մեղքեր ունի և որ նրանցից յուրաքանչյուրն այդ լուրջ ժամանակ քիչ զանցանքներ չի գործել։

Իսկ վերից, Պաշտպանության մինիստրությունից, իրեն՝ ռոտմիստրին ռմբակոծում էին հրամաններով և դիտել տալիս, թե, ըստ զինվորական մինիստրության տեղեկությունների, Պիսեկի շրջանից զորակոչված զինվորներն անցնում են թշնամու կողմը, և Քյոնիգին խթանում էին, որ ավելի աչալուրջ հետևի շրջանի բնակչության լոյալությանը։ Այդ ամենը ծանր էր նրա համար։ Նա լավ գիտեր, որ երբ զորակոչված զինվորների կանայք իրենց ամուսիններին ճանապարհում են ռազմաճակատ, վերջիններս նրանց խոստանում են, թե թույլ չեն տա, որ իրենց սպանեն հանուն թագավոր կայսեր։

Սևադեղին հորիզոնները ծածկվում էին հեղափոխության ամպերով։ Սերբիայում ու Կարպատներում զինվորներն ամբողջ գումարտակներով անցնում էին թշնամու կողմը։ Անձնատուր էին եղել Քսանութերորդ և Տասնմեկերորդ գնդերը։ Վերջինս կազմված էր պիսեկցիներից։ Այդ նախահեղափոխական ահեղ մթնոլորտում Վոդյանիից գալիս էին զինվորագրվածներ՝ կրծքներին արհեստական սև մեխակներ։ Պիսեկի կայարանով գալիս-անցնում էին Պրագայից եկող զինվորները, որոնք հետ էին շպրտում այն սիգարետներն ու շոկոլադները, որ հորթատար վագոններում նրանց մատուցել էին Պիսեկի բարձրաշխարհիկ տիկինները։ Մի ուրիշ անգամ, երբ Պիսեկի կայարանով անցել էր մի երթային գումարտակ, մի քանի պիսեկցի հրեաներ, իբր թե զինվորներին ողջունելով, գոռացել էին. «Heil! Nieder mit den Serben!»[24]։ Նրանց քիթ ու մռութն այնպես էին արնաշաղախ արել, որ դրանից հետո նրանք մի ամբողջ շաբաթ փողոցում չերևացին։

Եվ մինչդեռ տեղի էին ունենում այդ դեպքերը, որոնք պարզ ցույց էին տալիս, որ եկեղեցիներում ավստրիական «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնի ամենօրյա երգեհոնային կատարումը պարզապես մի հնամաշ ոսկեզօծանք է և համընդհանուր երեսպաշտություն,— ժանդարմական վարչություններից ստացվում էին alà Պուտիմ գրված արդեն հայտնի պատասխաններ, թե ամեն ինչ միանգամայն կարգին է, պատերազմի դեմ ոչ մի ագիտացիա չի մղվում, բնակչության տրամադրությունն է Ia, իսկ խանդավառությունը՝ Ia, Ib։

— Դուք ժանդարմներ չեք, այլ գորոդավոյներ,— հայոհոյում, էր ռոտմիստրը իր ուղևորությունների ժամանակ։— Փոխանակ ձեր զգոնությունը հազար տոկոսով բարձրացնելու, դուք հետզհետե դառնում եք անասուններ։— Այդ կենդանաբանական հայտնագործությունից հետո, նա ավելացնում էր.― Տանը պառկում եք փեչերի վրա ու մտածում. «Mit ganzen Krieg kann man uns Arsch lecken!»[25]

Դրան հետևում էր դժբախտ ժանդարմների պարտականուկթյունների թվարկումը և մի դասախոսություն ժամանակակից քաղաքական դրության, ինչպես և այն մասին, թե անհրաժեշտ է լավ աշխատել, որպեսզի ամեն ինչ կարգին լինի։ Այնուհետև, իդեալական ժանդարմի համարձակ ու պայծառ նկարագիրը տալուց հետո,— մի իդեալ, որի նպատակն է Ավստրիայի հզորացումը,— գալիս էին սպառնալիքները, կարգապահական տույժերը, տեղափոխություններն ու հանդիմանությունները։

Ռոտմիստրը հաստատ համոզված էր, որ կանգնած է պետական շահերի պաշտպանության դիրքերում, որ ինքն ինչ-որ բան է փրկում և որ, իրեն ենթակա բաժանմունքների բոլոր ժանդարմները ծույլեր, եսասերներ, խարդախներ ու խաբեբաներ են, որոնք ոչնչով չեն հետաքրքրվում, բացի օղուց, գարեջրից և գինուց, և, հարբեցողությամբ զբաղվելու բավականաչափ միջոցներ չունենալով, կաշառք են վերցնում, կամաց-կամաց, բայց հիմնովին սասանելով Ավստրիան։

Միակ մարդը, որին նա վստահում էր, իր ժանդարմական շրջանային վարչության վախմիստրն էր, սակայն սա էլ պանդոկում շարունակ այսօրինակ բաներ էր ասում. «Այսօր էլ մի օյին խաղացի մեր ծեր ապուշի գլխին»։

Ռոտմիստրն ուսումնասիրում էր Շվեյկի մասին Պուտիմի ժանդարմական վախմիստրի ուղարկած զեկուցագիրը, իսկ նրա ասաջ կանգնած էր իր վախմիստր Մատեյկան և մտքում, գրողի ծոցն էր ուղարկում ռոտմիստրին ու նրա բոլոր զեկուցագրերը, քանի որ ներքևում, գարեջրատանը, իրեն սպասում էր «շնապսի» մի պարտիա։

— Օրերս ես ձեզ ասացի, Մատեյկա,— ասաց ռոտմիստրը,— որ մեծագույն ապուշը, որին տեսել եմ կյանքումս, Պրոտիվինի վախմիստրն է։ Բայց, դատելով այս զեկուցագրից, Պուտիմի վախմիստրն արդեն վաղուց նրան գերազանցել է։ Այն զինվորը, որին բերեց այդ շուն շանորդի հարբեցող եֆրեյտորը,— հիշո՞ւմ եք, նրանք շների պես կցված էին,— բնավ էլ լրտես չէ։ Դա ամենայն կասկածից դուրս է։ Նա ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական դասալիք։ Վախմիստրն իր զեկուցագրի մեջ ամեն տեսակ ցնդաբանություններ է դուրս տալիս։ Երեխան էլ կհասկանա, որ սրիկան Պապի պրելատի պես հարբած է եղել։ Անմիջապես այստեղ բերեք այդ զինվորին,— հրամայեց նա, աչքի անցկացնելով Պուտիմից ուղարկված զեկուցագիրը։— Կյանքումս այսպիսի իդիոտական բառակույտ չեմ տեսել։ Դեռ ավելին, նա այդ կասկածելի տիպին ուղարկում է այստեղ այնպիսի մի էշի ուղեկցորդությամբ, ինչպիսին է իր եֆրեյտորը։ Այդ մարդիկ ինձ լավ չեն ճանաչում։ Մինչև որ իմ առաջ վախից շալվարները մի երեք անգամ չլցնեն, չեն համոզվի, որ ինձ հետ հանաք անել չի կարելի։

Եվ ռոտմիստրն սկսեց բարբառել, թե ժանդարմները հրամանների վրա ուշադրություն չեն դարձնում և զեկուցագրերը կազմելու ձևից երևում է, որ ամեն մի վախմիստր ամեն բան կատակի է տալիս ու աշխատում միայն գործը խճճել։

Երբ վերևից վախմիստրների ուշադրությունը հրավիրում են այն բանի վրա, թե իրենց շրջանում բացառված չէ հետախույզների հայտնվելը, ժանդարմական վախմիստրներն սկսում են բազմաթիվ այդպիսի հետախույզներ հնարել, իսկ եթե պատերազմը երկարի, ապա բոլոր ժանդարմական բաժանմունքները գժանոցների կվերածվեն։

Թող գրասենյակը հեռագրի Պուտիմ, որ վաղը վախմիստրը գա Պիսեկ։ Նա, ռոտմիստրը, նրա գլխից կհանի այդ «մեծ նշանակություն ունեցող դեպքը», որի մասին գրում է իր զեկուցագրի մեջ.

— Ո՞ր գնդից եք փախել,— դիմավորեց Շվեյկին ռոտմիստրը։

— Ոչ մի գնդից։

Ռոտմիստրը նայեց Շվեյկին ու նրա դեմքին տեսավ մի կատարյալ անհոգություն։

— Որտեղի՞ց եք ձեռք բերել համազգեստը,— հարցրեց ռոտմիստրը։

— Յուրաքանչյուր զինվորի, երբ նա մտնում է զինվորական ծառայության մեջ, համազգեստ են տալիս,— քնքշաբար ժպտալով պատասխանեց Շվեյկը։— Ես ծառայում եմ Իննսունմեկերորդ գնդում և ոչ միայն չեմ փախել իմ գնդից, այլ ընդհակառակը:

Այդ «ընդհակառակը» նա արտաբերեց այնպիսի մի շեշտով, որ ռոտմիստրը, դեմքին հեգնական կարեկցանքի արտահայտություն տալով, հարցրեց.

— Ինչպե՞ս թե «ընդհակառակը»։

― Շատ պարզ,— բացատրեց Շվեյկը։— Ես գնում եմ իմ գունդը, որոնում եմ այդ գունդը և գիմում դեպի այդ գունդը, այլ ոչ թե փախչում նրանից։ Ես միայն այն մասին եմ մտածում, թե ինչպես ավելի շուտ ընկնեմ իմ գունդը։ Ես չափազանց ջղայնացած եմ, որ, ինչպես նկատում եմ, հեռանում եմ Չեխական Բուդեյովիցիից։ Երևակայեցեք, ամբողջ գունդն ինձ է սպասում։ Պուտիմի վախմիստրը քարտեզի վրա ցույց տվեց, որ Բուդեյովիցին գտնվում է հարավում, իսկ հարավի փոխարեն ինձ ուղարկեց հյուսիս։

Ռոտմիստրը միայն ձեռքը թափահարեց, կարծես ցանկանալով ասել․ «Նա ավելի թունդ օյիններ է սարքում, քան մարդկանց հյուսիս ուղարկելը»։

— Ուրեմն, չե՞ք կարողանում գտնել ձեր գունդը,— ասաց նա,— փնտրում էի՞ք ձեր գունդը։

Շվեյկը նրան բացատրեց ամբողջ իրադրությունը։ Տվեց Թաբորի և այն բոլոր վայրերի անունները, որոնց միջով դիմել էր դեպի Բուդեյովիցի, այն է՝ Միլևսկո—Կվետով—Վրաժ—Մալչին—Զիմովա—Սեդլեց―Գորաժդյովիցի—Ռադոմիշլ—Պուտիմ―Շտեկնո—Ստրակոնիցի—Վոլին—Դուբ—Վոդնյանի—Պրոտիվին և դարձյալ Պուտիմ։

Նա մեծ ոգևորությամբ նկարագրեց իր պայքարը ճակատագրի դեմ, ռոտմիստրին պատմեց, թե ինչպես ամեն կերպ ջանում էր հաղթահարել Բուդեյովիցիի Իննսունմեկերորդ գնդի ճանապարհին ընկած բոլոր արգելքներն ու անջրպետները և թե ինչպես իր բոլոր ջանքերն ապարդյուն էին լինում։

Շվեյկը ոգևորված խոսում էր, իսկ ռոտմիստրը թղթի վրա մատիտով մեքենայաբար գծում էր այն կախարդական շրջանը, որի միջից քաջարի զինվոր Շվեյկը չէր կարողացել դուրս պրծնել իր գունդը փնտրելիս։

— Ի՛նչ խոսք, հերկուլեսյան աշխատանք է,— ասաց, վերջապես, ռոտմիստրը, բավականությամբ լսելով Շվեյկի այն խոստովանությունը, թե ինքը վշտացած է, որ այդքան ուշանում և չի կարողանում ժամանակին հասնել իր գոլնդը։— Անկասկած զարմանալի տեսարան է եղել, երբ դուք պտտվել եք Պուտիմի շուրջը։

— Ամեն ինչ արդեն պարզ կլիներ,— ասաց Շվեյկը,— եթե չլիներ այդ թշվառ Պուտիմի պարոն վախմիստրը։ Ոչ անունս հարցրեց, ոչ գնդի համարը, և ամեն ինչ մի տեսակ թարս էր պատկերացնում։ Պարզապես նա ինձ պետք է ուղարկեր Բուդեյովիցի, իսկ այնտեղ զորանոցում նրան կասեին՝ արդյոք ես իր գունդը փնտրող Շվե՞յկն եմ թե մի կասկածելի անձնավորություն։ Այսօր ես կարող էի արդեն երկու օր իմ գնդում լինել և կատարել զինվորական պարտականություններս։

— Իսկ ինչու Պուտիմում չասացիք, թե թյուրիմացություն է տեղի ունեցել։

— Տեսա, որ նրա հետ խոսելն ավելորդ է։ Երբեմն, գիտե՞ք, մարդ այնպես է քարանում, որ ամեն բանի նկատմամբ դառնում է խուլ ու անտարբեր, իսկը քոթուկ, ինչպես պատահում էր Վինոգրադիի պանդոկապետ Ռամպային, երբ նրանից պարտք էին խնդրում։

Փոքր-ինչ խորհելուց հետո ռոտմիստրը հանգեց այն եզրակացության, թե իր գնդին հասնել փափագող և այդ փափագը կատարելու համար մի ամբողջ շուրջերկրյա ճանապարհորդություն ծրագրած մարդը ցայտուն դեգեներատ է, և, պահպանելով գրասենյակային ոճի գեղեցկությունները, մեքենագրուհուն թելադրեց ներքոհիշյալը.

Չեխական Բուդեյովիցիի նորին մեծության 91-րգ գնդի շտաբին

«Սույնին կից որպես առդիր հղվում է ձեզ Շվեյկ Յոզեֆը, որը, իր պնդմամբ, հանդիսանում է վերոհիշյալ գնդի շարքային և, համաձայն իր ցուցմունքների, Պիսեկի շրջանի Պուտիմում ժանդարմների կողմից ձերբակալվել է դասալքության կասկածանքով։ Վերոհիշյալ Շվեյկ Յոզեֆը պնդում է, թե գնում էր վերոգրյալ գունդը։ Հղյալը ունի միջինից ցածր հասակ, դիմագծերը սովորական են, քիթը սովորական, աչքերը կապույտ, առանձին նշաններ չունի։ Սույնին կից հղվում է ձեզ վերոհիշյալի պարենավորման հաշիվը, որը բարեհաճեցեք փոխանցել Պաշտպանության մինիստրության հաշվին, խոնարհաբար խնդրելով հավաստել հղյալի ընդունումը։ C. l առդիրով ուղարկվում է նաև ձերբակալության մոմենտին ձերբակալվածի վրա եղած պետական իրերի ցուցակը, որոնց ընդունումն ևս անհրաժեշտ է հավաստել։»

Գնացքում, Պիսեկից մինչև Բուդեյովիցի, Շվեյկի համար ժամանակն արագ ու աննկատ անցավ։ Շվեյկին ուղեկցում էր մի ջահել նորընծա ժանդարմ, որը աչքը չէր հեռացնում նրանից և սաստիկ վախենում էր, որ չլինի թե փախչի։ Ամբողջ ճանապարհին ժանդարմին մտատանջում էր մի ահարկու պրոբլեմ․ «Ի՞նչ պիտի անի, եթե հանկարծ իր մեծ կամ փոքր պահանջը հոգալու համար արտաքնոց գնալու անհրաժեշտություն զգա»։

Հարցր լուծվեց այսպես։ Ժանդարմը որոշեց անհրաժեշտության դեպքում Շվեյկին տանել իր հետ։

Կայարանից Բուդեյովիցիի Մարինյան զորանոցները գնալիս ժանդարմը ամբողջ ճանապարհին աչքը չէր հեռացնում Շվեյկից և ամեն անգամ որևէ անկյունի կամ խաչմերուկի մոտենալիս, իբր թե հենց այնպես, խոսք էր գցում, թե ուղեկցորդին քանի մարտական փամփուշտ է տրվում։ Ի պատասխան նրա ասածի, Շվեյկն արտահայտում էր իր հաստատ համոզումը, թե ոչ մի ժանդարմ իրեն թույլ չի տա փողոցի մեջ կրակել, քանի որ դյուրավ կարող է դժբախտություն պատահել։

Ժանդարմը վիճում էր նրա հետ, և երկուսն էլ չնկատեցին, թե ինչպես հասան զորանոց։

Արդեն երկրորդ օրն էր, ինչ պորուչիկ Լուկաշը հերթապահում էր զորանոցում։ Նա, ոչինչ չնախազգալով, գրասենյակում սեղանի առաջ նստած էր, երբ նրա մոտ բերին Շվեյկին ու հանձնեցին գրությունները։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նորից ես այստեղ եմ,— հանդիսավորապես ասաց Շվեյկը պատիվ տալով։

Այդ տեսարանին վկա է եղել պրոպորշչիկ Կոտյակոն, որն հետո պատմում էր, թե երբ պորուչիկ Լուկաշը լսեց Շվեյկի ձայնը՝ վեր թռավ, ձեռքերով բռնեց գլուխն ու ընկավ Կոտյակոյի թևերի վրա։ Երբ նրան ուշքի բերին, Շվեյկը, որ ամբողջ ժամանակ կանգնած էր ձիգ, ձեռքը հովարին կցած, մի անգամ էլ կրկնեց.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նորից ես այստեղ եմ։

Պորուչիկ Լուկաշը, բոլորովին սփրթնած, դողդողացող ձեռքով վերցրեց ուղեկցական թղթերը, ստորագրեց, բոլորին հրամայեց դուրս գալ և, ժանդարմին ասելով, թե ամեն ինչ կարգին է, Շվեյկի հետ փակվեց գրասենյակում։

Այդպես ավարտվեց Շվեյկի Բուդեյովիցյան անաբազիսը։ Կասկած չի կարող լինել, որ եթե նրան զրկած չլինեին տեղաշարժման ազատությունից, նա ինքը կհասներ Բուդեյովիցի։ Եթե պետական հիմնարկները իրենց էին վերագրում Շվեյկին իր ծառայության վայրն հասցնելու պատիվը, ապա դա պարզապես սխալ էր։ Շվեյկի եռանդն ու կռվելու անհագ ցանկությունն ունեցող մարդու համար իշխանությունների միջամտությունը տվյալ դեպքում միայն խոչընդոտ էր։

Շվեյկն ու պորուչիկ Լուկաշը իրար էին նայում։

Պորուչիկի աչքերն արտահայտում էին կատաղություն, սպառնալիք և հուսահատություն։ Շվեյկը պորուչիկին նայում էր քնքշալի ու սիրավառ աչքերով, ինչպես իր կորցրած ու վերստին գտած սիրուհուն։

Գրասենյակը լուռ էր եկեղեցու պես։ Լսելի էր միայն, թե ինչպես ինչ-որ մեկը գնում-գալիս է միջանցքում։ Մի բարեխիղճ հոժարական, որ զորանոցում մնացել էր հարբուխի պատճառով,— մի բան, որ պարզ երևում էր նրա ձայնից,— խոնթխոնթալով անգիր էր անում. «Ինչպես պետք է ընդունել օգոստոսափառ գերդաստանի անդամներին վերջիններիս կողմից բերդերն այցելելու ժամանակ»։ Պարզ լսվում էին հետևյալ բառերը.

«Sobald die höchste Herrschafft in die Nähe der Festunganlängt, ist des geschütz auf allen Bastionen und Werken abzufeuern, dar Plätzmajor empfängt die selbe mit dem Degen in der Hand zu Pferde, und reitet Sodann vor»[26]։

— Լռեցեք, լսո՞ւմ եք,— գոռաց պորուչիկը դեպի միջանցքը։— Կորե՛ք գրողի ծոցը։ Եթե զառանցում եք, գնացեք անկողին մտեք։

Լսելի էր, թե ինչպես ջանասեր հոժարականը հեռանում է և թե ինչպես միջանցքի ծայրից արձագանքի պես հնչում է նրա խոնթխոնթացող ձայնը.

«In dem Augenblicke, als der Kommendant salutiert, ist das Abfeuern des Geschützes zu wiederholen, welches bei dem Absteigen der höhsten Herrschaft zum drittenmale zu gesshehen hat»[27]։

Իսկ պորուչիկն ու Շվեյկը շարունակում էին անխոս իրար նայել, մինչև որ, վերջապես, առաջինը կծու հեգնանքի տոնով չասաց․

— Բարով եկաք Չեխական Բուդեյովիցի, Շվե՛յկ։ Ում որ վիճակված է կախվել, երբեք չի սկի։ Ձեզ ձերբակալելու օրդերն արդեն գրված է, և վաղը դուք կգնաք գունդը զեկույցի։ Ձեր պատճառով ես ջղերս չպիտի քայքայեմ։ Ձեր երեսից արդեն բավական տանջվել եմ։ Համբերելու տեղ չմնաց։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես եմ կարողացել այսքան երկար ապրել ձեզ նման ապուշի հետ։

Պորուչիկն սկսեց գրասենյակում գնալ ու գալ։

— Ո՛չ, դա պարզապես անտանելի է։ Զարմանում եմ, թե ինչպես մինչև հիմա ձեզ չեմ գնդակահարել։ Ինձ ի՞նչ պիտի անեին դրա համար։ Ոչինչ չէին անի։ Ինձ կարդարացնեին, հասկանո՞ւմ եք։

— Ճիշտ այդպես, պարոն պորուչիկ, լիովին հասկանում եմ։

— Թողեք ձեր այդ ապուշային օյինները, թե չէ իսկապես արժանին կստանաք։ Հիմա ձեր հախից կգան։ Ձեր հիմարություններով դուք այնքան հեռուն գնացիք, որ ի վերջո բանը աղետի հասցրիք։

Պորուչիկ Լուկաշը ձեռքերը շփեց.

— Հիմա չեք պրծնի։

Ապա նորից մոտեցավ սեղանին, մի թղթի կտորի վրա մի քանի տող գրեց, կանչեց հերթապահին և հրամայեց Շվեյկին տանել պրոֆոսի մոտ և գրությունը հանձնել նրան։

Հերթապահը Շվեյկին տարավ բակի միջով, և պորուչիկն անսքող ուրախությամբ նայում էր, թե ինչպես է բացվում այն դուռը, որին փակցված էր սևադեղին մի տախտակ՝ «Regimentsarrest»[28] մակագրությամբ, թե ինչպես Շվեյկը անհետանում է դռան հետևում և ինչպես մի րոպե հետո պրոֆոսն այնտեղից դուրս է գալիս մենակ։

— Փա՜ռք աստծո,— մտածեց պորուչիկը բարձրաձայն։— Վերջապես նա այնտեղ է։

Մարինյան զորանոցների մթին մի որջում, ուր խոթեցին Շրվեյկին, նրան սրտագին ողջույնով դիմավորեց մի հաստլիկ հոժարական, որ պառկած էր ծղոտե ներքնակի վրա։ Նա արդեն երկու օր նստած էր և մենակությունից խիստ ձանձրացել էր։ Շվեյկի այն հարցին, թե նա ինչի համար է նստած, հոժարականը պատասխանեք, թե պարզապես մի դատարկ բանի համար։ Գիշեր ժամանակ հրապարակում, կամարաշարի տակ, հարբած վիճակում պատահմամբ խփել է հրետանու մի պոդպորուչիկի շլինքին։ Իսկապես ասած, ոչ թե շլինքին խփել է, այլ միայն գլխից գլխարկը ցած գցել։ Դա այսպես է պատահել, հրետանու պորուչիկը գիշերը կանգնած է եղել կամարաշարի տակ և, ամենայն հավանականությամբ, բոզի բուսուն պահել, հոժարականը կարծել է, թե նա իր ծանոթ, հոժարական Ֆրանտիշեկ Մատերնան է, քանի որ պոդպորուչիկը կանգնած է եղել մեջքը դեպի նրան արած։

— Իսկ և իսկ նրա պես լղրճուկ մի բան էր,— պատմում էր նա Շվեյկին։— Դե՛հ, ես էլ սուսուփուս գողեգող մոտեցա հետևից, գլխարկը գլխից ցած գցեցի ու ասում եմ. «Բարև, Ֆրանտա»։ Իսկ այդ ապուշը վերցնի ու սկսի սուլել։ Պարեկն ինձ բռնեց ու տարավ։ Հնարավոր է,— ենթադրեց հոժարականը,— որ այդ ժամանակ սխալմամբ մի երկու անգամ վզակոթին հասցրել եմ, բայց, իմ կարծիքով, դա նշանակություն չունի, որովհետև սխալմունքը միանգամայն բացահայտ է։ Նա ինքն ընդունում է, որ ես ասել եմ. «Բարև, Ֆրանտա», մինչդեռ իր անունը Անտոն է։ Գործը պարզ է։ Ինձ կարող է վնասել միայն այն, որ հոսպիտալից փախել եմ, և եթե հիվանդանոցային մատյանի գործը բացվի… Երբ ինձ բանակ էին կանչում, ես այստեղ, Բուդեյովիցիում, առաջուց մի սենյակ էի վարձել ու աշխատում էի ռևմատիզմ ձեռք բերել։ Երեք անգամ իրար հետևից կոնծում, իսկ հետո քաղաքից դուրս էի գալիս, անձրևի տակ առվի մեջ պառկում ու սապոգներս հանում։ Բայց բան դուրս չէր գալիս։ Հետո ձմռանը մի ամբողջ շաբաթ գիշերով գնում էի Մալշայում լողանալու, բայց բոլորովին ուրիշ բան ձեռք բերի. ես եղբա՛յր, այնպես կոփվեցի, որ դրանից հետո բակում ամբողջ գիշերը պառկում էի ձյան վրա և, երբ առավոտյան տնեցիներն ինձ արթնացնում էին՝ ոտքերս այնքան տաք էին լինում, որ կարծես վալենկաներով էի պառկել։ Գոնե անգինա ընկնեի։ Չէ՛, ոչ մի բան դուրս չէր գալիս։ Դատարկ գրիպն ի՞նչ է, դա էլ չկարողացա ձեռք բերել։ Ամեն աստծու օր գնում էի «Պորտ-Արտուր», այնտեղ իմ կոլեգաներից ոմանք արդեն սերմնագեղձերի բորբոքում էին ձեռք բերել, նրանց արդեն վիրահատում էին, իսկ ես առաջվա պես խմում էի։ Պարզապես բախտս չէր բանում, եղբայր։ Վերջապես մի անգամ «Վարդի մոտ» պանդոկում ծանոթացա Գլուբոկոյում ապրող մի հաշմանդամի հետ, որն ինձ աոաջարկեց գնալ իր բնակարանը, նա երաշխավորում էր, որ հաջորդ օրն իսկ ոտքերս կուռչեն, իսկը դույլեր կդառնան։ Նա տանը շպրից ու ենթամաշկային ներարկման ասեղ ուներ։ Եվ, իսկապես, Գլուբոկոյից ես հազիվ տուն հասա։ Չխաբեց, ոսկի՜ մարդ էր։ Վերջապես մկանային ռևմատիզմ ձեռք բերի։ Ձեռաց հոսպիտալ ուղարկեցին, և գնա քե՜ֆ արա։ Հետո բախտն ինձ մի անգամ էլ ժպտաց։ Բուդեյովիցիի հոսպիտալ էին տեղափոխել իմ մի ազգականին՝ Ժիժկովում ապրող բժիշկ Մասակին։ Միայն նրան եմ պարտական, որ հոսպիտալում այդքան երկար մնացի։ Ես, թերևս, այնտեղ մնայի մինչև ծառայությունից ազատվելս, բայց այն չարաբաստիկ «Krankenbuch[29]»-ով ինքս իմ գործը փչացրի։ Այդ ժամանակ մի հիանալի բան էի մտածել, մի գրասենյակային մեծ մատյան էի ճարել, կազմին պիտակ կպցրել ու վրան գրել. «Krankenbuch des 91 Reg.»[30], ինչպես հարկն է գծել էի սյունակներն ու մնացած բաները։ Այդ մատյանի մեջ գրանցում էի հնարովի անուններ, բուժվողի հիվանդությունը, ջերմաստիճանը։ Ամեն օր բժշկի շրջայցից հետո, անամոթաբար մատյանը թևիս տակ դրած, դուրս էի գալիս քաղաք։ Հոսպիտալի դարպասի մոտ միշտ էլ աշխարհազորայիններ էին հերթապահում, այնպես որ այդ տեսակետից էլ ապահով էի. ցույց եմ տալիս մատյանը, իսկ նրանք ինձ պատիվ են տալիս։ Սովորաբար գնում էի հարկային վարչությունում ծառայող մի չինովնիկի մոտ, նրա տանը շորս փոխում, քաղաքացիական հագուստ հագնում ու դնում գարեջրատուն։ Այնտեղ, մեր ընկերական շրջանում, մենք ամեն տեսակ դավաճանական բաներ էինք խոսում։ Շատ չանցած ես այնքան լկտիացա, որ այլևս քաղաքացիական շոր չէի հագնում և քաղաքում ու պանդոկներում ման էի դալիս զինվորական լրիվ համազգեստով։ Հոսպիտալ վերադառնում ու մահճակալիս վրա պառկում էի միայն լուսադեմին, իսկ եթե պատահում էր, որ գիշերը պարեկը կանգնեցնում էր ինձ, ցույց էի տալիս Իննսունմեկերորդ գնդի «Krankenbuch»-ը, և այլևս ինձ ոչ մի հարց չէին տալիս։ Հոսպիտալի դարպասի մոտ էլ առանց մի խոսք ասելու ցույց էի տալիս մատյանը և միշտ բարեհաջող հասնում մահճակալիս… Այնպես էի անպատկառացել, եղբայր, որ կարծում էի, թե ինձ ոչ ոք ոչինչ անել չի կարող, մինչև որ այն գիշեր հրապարակի կամարաշարի տակ տեղի ունեցավ ճակատագրական սխալս։ Այդ սխալն ինձ պարզ կերպով ցույց տվեց, որ, ընկերս, ոչ բոլոր ծառերն են բոյ քաշում ու երկինք հասնում։ Գոռոզությանը հետևում է անկումը։ Ի՞նչ է փառքը։ Ծո՛ւխ։ Նույնիսկ Իկարը իր թևերն այրեց։ Մարդ ասածն ուզում է հսկա լինել, բայց իրականում զիբիլ է։ Հապա, եղբայր։ Ինձ խրատ լինի, որ սրանից հետո պատահականության վրա հույս չդնեմ, այլ օրը երկու անգամ, առավոտյան ու երեկոյան ինքս իմ ձեռքով ռեխս ջնջխեմ ու ասեմ, զգուշությունը ավելորդ բան չէ, իսկ անչափավորությունը վնասում է մարդու։ Վակխանալիաներից ու օրգիաներից հետո միշտ վրա է հասնում բարոյական խումարը։ Դա, եղբա՛յր, բնության օրենքն է։ Մի մտածիր, է՜, թե ինչպես ամբողջ գործս փչացրի։ Ախր կարող էի արդեն Felddienstunfähig[31] լինել։ Մարդ այդպիսի հովանավորությո՜ւն ունենա։ Հիմա հանգիստ ընկած կլինեի որևէ շտաբի զորամասերի համալրման գրասենյակում… Բայց իմ սեփական անզգուշությունն ինձ կործանեց։

Իր խոստովանությունն հոժարականը ավարտեց այս հանդիսավոր խոսքերով.

— Կարթագենն անգամ ընկավ, Նինվեից միայն ավերակներ մնացին, սիրելի բարեկամ, բայց, այնուամենայնիվ, մարդ պետք է գլուխը բարձր պահի։ Թող չկարծեն, որ եթե ինձ ռազմաճակատ ուղարկեն՝ գեթ մի անգամ կկրակեմ։ Regimentsraport![32] Հեռացնե՜լ դպրոցից։ Կեցցե՜ նորին կայսերական ու թագավորական մեծության կրետինիզմը։ Ինչպե՜ս չէ, նրանց համար տնքամ դպրոցում ու քննություններ հանձնեմ։ Կադետ, յունկեր, պոդպորուչիկ, պորուչիկ… Թքել եմ դրանց բոլորի վրա. Offiziersschule! Behandlung jener Schüler derselben, welche einen Jahrgangrepetieren müssen![33] Ամբողջ բանակը կաթվածահար է եղել։ Հրացանը, որ ուսին են կրում, ա՞ջ թե ձախ, կապրալը քանի՞ աստղ ունի։ Evidenzhaltung Militärreservemänner! Himmelherrgott[34]. Ծխելու բան չկա, ընկեր։ Կուզե՞ք ձեզ սովորեցնեմ առաստաղին թքել։ Նայեցեք, թե ինչպես պետք է անել։ Առաջուց մի բան մտածեցեք, և ձեր ցանկությունը կկատարվի։ Գարեջուր սիրո՞ւմ եք։ Կարող եմ ձեզ հիանալի ջուր հանձնարարել, ա՛յ, այնտեղ, կժի մեջ։ Եթե ուզում եք ախորժակով ուտել, խորհուրդ եմ տալիս գնալ «Քաղքենիական զրույց» ռեստորանը։ Բացի դրանից, ձանձրույթը փարատելու համար խորհուրդ եմ տալիս ոտանավորներ գրել։ Ես այստեղ արդեն վի ամբողջ էպոպեա եմ հորինել․

Պրոֆոսն ո՞ւր է։ Քնած է նա,
Մինչև որ մեզ վրա կտան.
Այնժամ քնից նա կարթնանա,
Եվ երբ արկերը որոտան՝
Նա թշնամու կրակի տակ
Կկառուցի այնժամ հորից
Մահճակալից ու աթոռից
Բարիկադներն իր անխորտակ։
Եվ ի պատիվ արքունիքի
Կբղավի ավյունով լի.
«Մենք թշնամու հախից կգանք,
Կեցցե՜ կայսրը մեր պաշտելի»։

— Տեսնո՞ւմ եք, ընկեր,— շարունակեց թանձրամարմին հոժարականը,— իսկ դուք ասում եք, թե ժողովուրդն այլևս առաջվա պես չի հարգում մեր պաշտելի միապետին։ Տեսնո՞ւմ եք, մի կալանավոր, որ նույնիսկ ծխելու բան չունի և որը պետք է գնդային զեկույցի ներկայանա, գահին նվիրված լինելու սքանչելի օրինակ է տալիս ձեզ և ձոներ հորինում ի պատիվ միացյալ ու անբաժանելի հայրենիքի, որի գլխին տալիս են։ Նրան զրկել են ազատությունից, բայց նրա բերանից հորդում են կայսրի նկատմամբ անսահման նվիրվածություն արտահայտող խոսքեր։ «Morituri te salutant, Caesar!»։ Մեռնելու գնացողները ողջունում են քեզ, Կեսա՜ր։ Իսկ պրոֆոսը անպիտան մարդ է։ Ինչ ասել կուզե, լավ ծառա ունենք։ Երեկ չէ մյուս օրը նրան հինգ կրոն տվի, որ գնա սիգարետ բերի, իսկ նա, այդ շուն շանորդին, այս առավոտ ինձ ասում է, թե այստեղ ծխել չի կարելի, թե, իբր, դրա պատճառով ինքը գլխացավանքի մեջ կընկնի։ Իսկ այն հինգ կրոնը, ասում է, կվերադարձնի ռոճիկը ստանալիս։ Այո՛, ընկեր, հիմա ոչ ոքի և ոչ մի բանի չպետք է հավատալ։ Բարոյականության լավագույն սկզբունքները խեղաթյուրվել են։ Կալանավորին թալանե՞լ։ Եվ այդ տիպն ամբողջ օրն իր քեֆին երգում է.

«Wo man singt da leg’ dich sicher nieder,
böse Leute haben keine Lieder!»[35]

Ա՜յ քեզ սրիկա, խուլիգան, խարդախ, դավաճան։

Դրանից հետո հոժարականը Շվեյկին հարցրեց, թե նա ինչ մեղք է գործել։

— Քո գո՜ւնդն էիր փնտրում,— ասաց հոժարականը։— Լավ զբոսապտույտ է։ Թաբոր—Միլևսկո—Կվետով—Վրաժ—Մալչին—Չիժովա—Սեդլեց—Գորաժդյովիցի—Վոլին—Դուբ—Վոդնյանի—Պրոտիվին—Պուտիմ—Պիսեկ—Բուդեյովիցի… Տատասկո՜տ ճանապարհ։ Եվ վաղը պետք է զեկույցի ներկայանաք գնդապետին։ Ո՜հ, սիրելի եղբայր, մենք կհանդիպենք պատժավայրում։ Վաղը մեր գնդապետ Շրեդերը նորից մեծ բավականություն կվայելի։ Չեք կարող պատկերացնել, թե գնդում տեղի ունեցող դեպքերն ինչպես են ներգործում նրա վրա։ Տիրոջը կորցրած շան պես, սատկած զամբիկի պես լեզուն դուրս գցած, սկսում է բակով մեկ վազվզել։ Իսկ նրա ճառե՜րը, նախազգուշացումները, որոնց ժամանակ փսլնքոտ ուղտի պես աջ ու ձախ թքոտում է։ Խոսում է անվերջ, և մարդու թվում է, թե նրա բղավոցից Մարինյան զորանոցների պատերը փուլ կգան։ Ես հո նրան լավ եմ ճանաչում, մոտը զեկույցի եմ գնացել։ Նորակոչին ներկայացել էի երկարաճիտ սապոգներով ու ցիլինդրով և, որովհետև դերձակը չէր հասցրել կարել զինվորական համազգեստ, վարժադաշտ մտա այդ կերպարանքով։ Կանգնեցի ձախ թևում և սկսեցի քայլել բոլորի հետ միասին։ Գնդապետ Շրեդերը ձին քշելով մոտեցավ ինձ, քիչ էր մնում գետին գլորեր։ «Was machen Sie hier, Sie zivilist?!»[36] ― այնպես գոռաց ինձ վրա, որ երևի ձայնը Շումավայում լսեցին։ Ես ամենայն քաղաքավարությամբ նրան պատասխանեցի, թե հոժարական եմ և եկել եմ պարապմունքի։ Մի նրան տեսնեիք այդ ժամանակ։ Ամբողջ կես ժամ ճառելուց հետո միայն նկատեց, որ իրեն պատիվ եմ տալիս գլխիս ցիլինդր դրած։ Եվ ծղրտաց, որ վաղը ներկայանամ իրեն՝ գնդային զեկույցի, և կատաղածի պես սլացավ աստված գիտե ուր, իսկ հետո վարգով նորից դեպի ետ սուրաց, նորից սկսեց բղավել, դիվոտել ու կուրծք ծեծել։ Հրամայեց ինձ վարժադաշտից անհապաղ հեռացնել ու հաուպտվախտ նստեցնել։ Գնդային զեկույցի ժամանակ ինձ տասնչորս օրվա արձակուրդից զրկեց, հրամայեց ցայխհաուզից բերած ինչ-որ աներևակայելի լաթեր հագցնել ու սպառնաց, թե ուսաթելերս կպոկի։ «Հոժարականները մի տեսակ վսեմ էակներ են, փառքի, զինվորական պատվի սաղմեր, հերոսներ,— գոռում էր այդ տուտուց գնդապետը։— Հոժարական Վոլտատը, որ քննությունը տալուց հետո կապրալի աստիճան ստացավ, իր հոժար կամքով ռազմաճակատ գնաց և տասնհինգ մարդու գերի վերցրեց։ Նրանց բերելու պահին մի նռնակ նրան կտոր-կտոր արեց։ Եվ ի՞նչ։ Հինգ րոպե հետո ստացվեց Վոլտատին կրտսեր սպայի աստիճանի շնորհելու հրամանը։ Երանի ձեզ էլ սպասեր այդպիսի փայլուն ապագա, աստիճանի բարձրացում ու պարգևներ։ Ձեր անունը կգրվեր մեր գնդի ոսկետառ գրքի մեջ»։— Հոժարականը զայրացած թքեց։— Ահա թե, եղբայր, ինչպիսի էշեր են ծնվում լուսնի տակ։ Թքել եմ նրանց ուսաթելերի և բոլոր արտոնությունների վրա, որոնց պատճառով, օրինակ, ինձ պետք է ասեն. «Դուք, հոժարական, էշ եք»։ Ուշադրություն դարձրեք, թե որքան գեղեցիկ է հնչում, երբ ասում են․ «Դուք էշ եք», փոխանակ կոպտաբար ասելու․ «Դու էշ ես», իսկ մահիցս հետո կուրծքս կզարդարեն signum laudis-ով կամ արծաթե մեծ մեդալով։ Նրանք, նորին կայսերական ու թագավորական մեծության այդ աստղակիր կամ անաստղակիր դիամատակարարները։ Ամեն եզ ավելի երջանիկ է, քան ես և դուք։ Նրան սպանդանոցում սպանում են միանգամից և դաշտային վարժության կամ հրաձգարան քաշ չեն տալիս։— Թանձրամարմին հոժարականը թավալվեց մի ուրիշ ներքնակի վրա ու շարունակեց.— Իհարկե, մի օր այդ բոլորը կտրաքի։ Դա հավիտյան շարունակվել չի կարող։ Փորձեցեք խոճկորին փառքով ուռցնել — անպայման կտրաքի։ Եթե երբևէ ռազմաճակատ գնամ, ապա մեր ապրանքավագոնի վրա պիտի գրեմ.

Մեր թշնամու հողի համար երեք տոննա պարարտանյութ,
Քառասուն մարդ կամ ձիեր՝ ութ։

Դուռը բացվեց, և երևաց պրոֆոսը, որ նրանց երկուսի համար բերել էր մեկ քառորդ հացաբաժին և թարմ ջուր։

Նույնիսկ նեղություն չքաշելով բարձրանալ ծղոտե ներքնակի վրայից, հոժարականը պրոֆոսին ողջունեց հետևյալ խոսքերով.

— Ինչպիսի վսեմ արարք, ինչպիսի մեծահոգություն քո կողմից, որ այցելել ես կաթնավորներին, ո՜վ Իննսունմեկերորդ գնդի սուրբ Ագնեսա։ Բարի գալուստ, հրեշտակդ առաքինության, որիդ սիրտը լի է կարեկցանքով։ Դու ծանրաբեռնված ես զամբյուղներով, որ լի են խորտիկներով ու խմիչքներով, որոնք մեզ պետք է սփոփեն մեր դժբախտության մեջ։ Երբեք չենք մոռանա քո մեծահոգությոլնը, ո՜վ մեր խավար զնդանը թափանցած արևի ճառագայթ։

— Երբ գնդապետին զեկույցի ներկայանաք, կատակ անելու ձեր հավեսը կփախչի,— մրթմրթաց պրոֆոսը։

— Տես մազերդ ինչպես ցցեցիր, գերմանամուկ,— նարի վրայից պատասխանեց հոժարականը։— Ավելի լավ կլինի ասես, թե ինչ կանեիր, եթե ստիպված լինեիր քսան հոժարական բանտարկել։ Այդպիսի հիմար հայացքով մի նայիր ինձ, ո՜վ Մարիանյան զորանոցների բանալեպան։ Դու քսանին կբանտարկեի՜ր, իսկ հետո տասին բաց կթողնեիր, սկյուռի մեկը։ Եթե ես զինվորական մինիստր լինեի, քեզ ցույց կտայի, թե ինչ ասել է զինվորական ծառայություն։ Հայտնի՞ է քեզ, արդյոք, որ անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը։ Ես քեզնից մի բան եմ խնդրում. տուր ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ ամբողջ երկրագունդը, քեզ էլ հետը, ո՜վ դու ֆանֆարոն։

Պրոֆոսն աչքերը չռեց, բարկությունից սկսեց դողդողալ և դուրս եկավ դուռը հետևից շրխկացնելով։

— Պրոֆոսներ փախցնելու փոխադարձ օգնության միություն,― ասաց հոժարականը, հացը հավասար կես անելով։— Ըստ կարգապահական կանոնադրության տասնվեցերորդ պարագրաֆի, մինչև վճռի արձակումը ձերբակալվածները պետք է զինվորի օրապահիկ ստանան, բայց, ինչպես երևում է, այստեղ իշխում է պրերների օրենքը, ըստ որի իրավունքը նրանն է, ով կկարողանա առաջինը լափել ձերբակալվածների օրապահիկները։

Երկուսն էլ նստել էին նարերի վրա և կրծում էին զինվորաբաժին հացը։

— Պրոֆոսի օրինակով ավելի լավ կարելի է տեսնել, թե զինվորական ծառայությունն ինչպես է դաժանացնում մարդկանց,— վերսկսեց իր դատողություններն հոժարականը։— Անշուշտ մեր պրոֆոսը զինվորական ծառայության մտնելուց առաջ իդեալներ ունեցող երիտասարդ է եղել։ Եղել է շիկահեր, գեղատեսիլ, բոլորի նկատմամբ սիրալիր ու զգայուն, դժբախտների պաշտպան, որոնց կողմն է նա պահել, երբ իր հայրենի երկրում աթոռի տոնի օրը աղջկա պատճառով որևէ տուրուդմփոց է ծագել։ Բոլորն, անշուշտ, նրան հարգել են, բայց հիմ՜ա․․․ աստվա՜ծ իմ։ Ինչպիսի հաճույքով կհասցնեի նրա ռեխին, գլուխը կխփեի նարին և իրեն մինչև վիզը կխրեի արտաքնոցի հորը։ Եվ դա, եղբա՛յր, նույնպես ապացույց է բարքերի գռեհկացման, որ առաջացնում է զինվորական գործը։

Նա սկսեց երգել․

Չէր վախենում սատանայից,
Բայց պատահեց մի զինվոր․․․

— Սիրելի բարեկամ,— շարունակեց նա,— այս ամենը դիտելով մեր սիրելի միապետության մասշտաբով, մենք անխուսափելիորեն հանգում ենք այն եզրակացության, որ նրա վիճակը նույնն է, ինչ Պուշկինի հորեղբոր վիճակը։ Պուշկինը գրել է, թե իր հորեղբայրն այնպիսի մեռելոտի մարդ է, որ նրան այլևս ոչինչ չի մնում անել, քան միայն՝

Հառաչել անվերջ և խորհել, թե քեզ
Գրողն ե՞րբ պիտի տանի վերջապես։

Նորից լսվեց կողպեքի մեջ պտտվող բանալու չխկոցը, և պրոֆոսը վառեց միջանցքի նավթի լամպը։

— Արևի ճառագա՜յթ խավարի թագավորության մեջ,— գոչեց հոժարականը։— Լուսավորությունը մուտք է գործում բանակի շարքերը։ Բարի գիշեր, պարոն պրոֆոս։ Բարևեցեք այնտեղ բոլոր ենթասպաներին, ցանկանում եմ ձեզ հաճելի երազներ։ Թող, օրինակ, երազում տեսնեք, որ վերադարձրել եք իմ հինգ կրոնը, որ ձեզ տվել էի սիգարետ գնելու համար և որով խմել եք իմ կենացը։ Անուշ քնեցեք, ո՜վ հրեշ։

Դրան հետևեց պրոֆոսի մրթմրթոցը վաղվա գնդային զեկույցի մասին։

— Դարձյալ մենք մենակ ենք,— ասաց հոժարականը։— Քնից առաջ ես մի քանի րոպե կնվիրեմ մի դասախոսության, թե ինչպես օր օրի հարստանում են ենթասպաների ու սպաների կենդանաբանական գիտելիքները։ Պատերազմին նոր կենդանի նյութ և մտածող թնդանոթի միս հայթայթելու համար անհրաժեշտ է հիմնավորապես ծանոթանալ բնագիտությանը կամ Կոչիի հրատարակությամբ լույս տեսած «Տնտեսական բարեկեցության արդյունքները» գրքին, որի յուրաքանչյուր էջում հանդիպում են այսպիսի բառեր, անասուն, խոճկորներ, խոզեր։ Վերջերս, սակայն, կարող ենք նկատել, թե ինչպես մեր առավել առաջադիմական զինվորական շրջաններում նորակոչիկներին դիմելու համար գործածական են դառնում նոր անուններ։ Տասնմեկերորդ գնդում կապրալ Ալտհոֆը գործածում է «Էնդգանդինյան այծ» արտահայտությունը, Կարպատյան լեռներից եկած գերմանացի ուսուցիչ եֆրեյտոր Մյուլլերը նորակոչիկներին անվանում է «հոտած չեխեր», ֆելդֆեբել Զոնդերնումմերը՝ «իշագորտեր» ու «Յորկշիրի կռտած խոզեր», և յուրաքանչյուր նորակոչիկի խոստանում է նրանից խրտվիլակ պատրաստել, ըստ որում դրսևորում է մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որ կարծես խրտվիլակագործների տոհմից է սերում։ Զինվորական իշխանությունը ջանում է զինվորներին հայրենասիրություն ներշնչել յուրատեսակ միջոցներով, ինչպես, օրինակ՝ վայրենաբարո ոռնոցով, զորակոչիկների շուրջը պարելով, մարտաշունչ մռնչյունով, որ նման է աֆիիկական վայրենիների մռնչյունին, որով վերջիններս պատրաստվում են քերթել անմեղ այծեղջյուրի կաշին և կամ տապակել ճաշի համար մթերված որևէ միսիոների ազդրը։ Դա, իհարկե, գերմանացիներին չի վերաբերվում։ Երբ ֆելդֆեբել Զոնդերնումմերը խոսում է «խոզերի ավազակախմբի» մասին, ապա շտապում է ավելացնել «die tschechische»[37], որպեզի գերմանացիները չնեղանան և դա իրենց չվերագրեն։ Այդ միջոցին երկրորդ վաշտի բոլոր ենթասպաները աչքերնին չռում են այն խեղճ շան պես, որն ագահությունից կուլ է ավել Պրովանսի յուղի մեջ թաթախված սպունգն ու խեղդվել։ Մի անգամ ես լսեցի եֆրեյտոր Մյուլլերի ու կապրալ Ալտհոֆի խոսակցությունը աշխարհազորայինների ուսուցման պլանի մասին։ Այդ զրույցի ժամանակ ամենից շատ գործածվում էր «ein Paar Ohrfeigen»[38] արտահայտությունը։ Սկզբում ես կարծեցի, թե նրանք իրար հետ կռվում են և գերմանական զինվորական միասնությունը քայքայվում է։ Բայց չարաչար սխալվում էի։ Խոսքը վերաբերվում էր միայն զինվորներին։ «Եթե, օրինակ, այդ չեխական խոզը,— հեղինակավոր տոնով խրատում էր եֆրեյտոր Մյուլլերին կապրալ Ալտհոֆը,— երեսուն «Nieder!»[39]-ից հետո էլ չի սովորի մոմի պես ցից կանգնել, ապա նրա ռեխին մի երկու անգամ հասցնելը բավական չէ։ Հարկավոր է բռունցքով խփել փորին, մյուս ձեռքով գլխարկը քաշել-իջեցնել մինչև ականջները, հրամայել. «Kehrt euch!»[40], իսկ երբ հետ դառնա` ոտքով խփել հետույքին։ Այն ժամանակ կտեսնես, թե նա ինչպես ձիգ կկանգնի և ինչպես պրապորշչիկ Դաուերլինգը կսկսի ծիծաղել»։ Ի դեպ, ընկեր, հիմա պատմեմ ձեզ պրապորշչիկ Դաուերլինգի մասին։ Նրա մասին առաջին վաշտի նորակոչիկներն այնպիսի զարմանալի բաներ են պատմում, որպիսիք կարող է պատմել միայն Մեքսիկայի որևէ սահմանամերձ ֆերմայում բոլորից լքված մի տատիկ, երբ խոսք բացվի այս կամ այն մեքսիկացի հռչակավոր ավազակի մասին։ Նա կյանքի փայլուն ճանապարհ է անցել։ Նրա ծնվելուց քիչ հետո տատմերը նրան իր ձեռքից ցած է գցել, և փոքրիկ Դաուերլինգի գլուխը ջարդվել է։ Այնպես որ գլխի վրա մինչև հիմա էլ հետքը նկատվում է, ինչպես հյուսիսային բևեռի վրա ընկած գիսաստղ։ Բոլորն այն կարծիքին էին, որ ուղեղի ցնցումից հետո հազիվ թե նրանից մի բան դուրս գա։ Միայն նրա գնդապետ հայրն էր, որ հույսը չէր կորցնում և, ընդհակառակը, պնդում էր, թե այդպիսի մի չնչին բան նրան վնասել չի կարող, քանի որ, ինքնին հասկանալի է, մեծանալուց հետո երիտասարդ Դաուերլինգը իրեն կնվիրի զինվորական ծառայության։ Ռեալական ուսումնարանի չորս դասարանների դեմ մղած կատաղի պայքարից հետո,— իսկ այդ դասարանները նա էքստեռն ավարտեց, ըստ որում նրա առաջին տնային ուսուցիչը ժամանակից շուտ սպիտակեց ու խելագաովեց, իսկ մյուսը հուսահատությունից փորձեց իրեն ցած գցել Վիեննայի սուրբ Ստեֆան եկեղեցու աշտարակից,— Դաուերլինգը մտավ Հայնբուրգի յունկերական ուսումնարանը։ Յունկերական ուսումնարաններում բնավ ուշադրություն չէին դարձնում այնտեղ մտնող երիտասարդների կրթության աստիճանի վրա, քանի որ ավստրիական կադրային սպայի համար կրթությունը անհրաժեշտ չէր համարվում։ Զինվորական կրթության իդեալ էր «զինվոր-զինվոր» խաղալու ընդունակությունը։ Կրթությունը ազնվացնում է մարդուս հոգին, իսկ զինվորական ծառայության մեջ դա անհրաժեշտ չէ։ Որքան սպայությունը գռեհիկ լինի, այնքան ավելի լավ։ Յունկերական ուսումնարանի աշակերտ Դաուերլինգը հաջողակ չէր նույնիսկ այն առարկաների մեջ, որ յունկերական ուսումնարանի ամեն մի աշակերտ այսպես թե այնպես յուրացնում էր։ Յունկերական ուսումնարանում ևս իրենց զգալ էին տալիս այն բանի հետևանքները, որ Դաուերլինգը մանուկ հասակում գլուխը ջարդել էր։ Այդ դժբախտության մասին պարզեիպարզ խոսում էին քննությունների ժամանակ նրա տված պատասխանները, որոնք իրենց անմրցելի տխմարության համար համարվում էին կլասիկական։ Դասատուները նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան «unser braver Trottel»[41]։ Նրա տխմարությունն այնքան ակներև էր, որ բոլոր հիմքերը կային հուսալու, որ մի քանի տասնամյակներ հետո նա կընկնի Թերեզյան զինվորական ակադեմիա կամ Զինվորական մինիստրություն։ Երբ սկսվեց պատերազմը, Հայնբուրգի բոլոր երիտասարդ յունկերներին պրապորշչիկի աստիճան տվին։ Նորընծա պրապորշչիկների ցուցակի մեջ ընկավ և Կոնրադ Դաուերլինգը։ Այդպես հայտնվեց նա 91-րդ գնդում։

Հոժարականը շունչ քաշեց ու շարունակեց.

— Զիվորական մինիստրության հրատարակությամբ լույս է աեսել մի գիրք, անունը «Drill oder Erziehung»[42], որից Դաուերլինգը իմացել է, թե զինվորների վրա պետք է ներգործել տեռորով, ըստ որում հաջողության աստիճանը կախված է տեռորի աստիճանից։ Դաուերլինգն այդ սկզբունքն ընդունեց և դարձրեց գործունեության հիմք և հասավ մեծ հաջողությունների։ Նրա գորգոռոցները չլսելու համար զինվորներն ամբողջ զորամասերով զեկույցներ էին ներկայացնում, թե հիվանդ են, մի բան, որը, սակայն, հաջողություն չէր ունենում։ Հիվանդության զեկույց ներկայացնողը ենթարկվում էր երեք օրվա «verschärft»[43]-ի։ Ի դեպ, ձեզ հայտնի՞ է, թե ինչ ասել է խիստ կալանք։ Ամբողջ օրը ձեզ վազվզեցնում են վարժադաշտում, իսկ գիշերը կարցեր նստեցնում։ Այդպիսով, Դաուերլինգի վաշտում այլևս հիվանդ մարդ չկար։ Նրա վաշտի բոլոր հիվանդները նստած էին լինում կարցերում։ Զինավարժությունների ժամանակ Դաուերլինգը պահպանում է զորանոցային անկաշկանդ տոնը, սկսում է «խոզ» բառից և վերջացնում կենդանաբանական հանելուկային «խոզաշուն» տերմինով։ Սակայն նա ազատամիտ է և զինվորներին ընտրության ազատություն է ընձեռնում։ Օրինակ, ասում է. «Ընտրիր, փի՛ղ, ռեխիդ հասցնե՞նք թե երեք օրվա խիստ կալանք նշանակենք»։ Եթե զինվորն ընտրում է երեք օրվա խիստ կալանքը, ապա Դաուերլինգը ի հավելումն դրա երկու անգամ խփում է նրա ռեխին և որպես բացատրություն ավելացնում, «Վախենում ես կնճիթդ վնասվի՞, վախկոտի մեկը, իսկ ի՞նչ կանես, երբ որոտա ծանր հրետանին»։ Մի անգամ նորակոչիկներից մեկի մի աչքը հանելուց հետո նա արտահայտվեց այսպես. «Pah, was für Geschichten mit einem Kerl, muss so wie so krepieren»[44]։ Նույնն էր ասում և ֆելդմարշալ Կոնրադ ֆոն Գետցենդորֆը. «Die Soldaten müssen so wie so krepieren»[45]։ Դաուերլինգի ամենասիրած և ամենաարդյունավետ միջոցը նրա դասախոսություններն են, որոնց նա լսելու է կանչում բոլոր չեխ զինվորներին։ Նա նրանց համար խոսում է Ավստրիայի ռազմական խնդիրների մասին, գերազանցապես կանգ առնելով զինվորական ուսուցման ընդհանուր սկզբունքների վրա, իսկ այդ սկզբունքներն են՝ շտանգլիից մինչև գնդակահարելը կամ կախելը։ Ձմռան սկզբներին, հոսպիտալ ընկնելուցս առաջ, մեզ զինավարժության էին տանում տասնմեկերորդ վաշտի մոտ գտնվող վարժադաշտը։ «Ազատ» հրամանը տալուց հետո Դաուերլինգը չեխ նորակոչիկներին դիմում էր այսպիսի ճառով.

— Ես գիտեմ,— ասում էր նա,— որ դուք բոլորդ սրիկաներ եք և հարկավոր է ձեզ խելքի բերել։ Ձեր չեխերեն լեզվով դուք մինչև կախաղան էլ չեք հասնի։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարն էլ գերմանացի է։ Լսո՞ւմ եք, գրո՛ղը տանի, nieder![46]։

Բոլորը պառկում էին, իսկ Դաուերլինգը նրանց առաջ գնում-գալիս էր և շարունակում իր ճառասացությունը. «Ասել են՝ «պառկիր», ուրեմն պառկիր։ Պառկիր, թեկուզ և սատկես այդ ցեխի մեջ։ «Պառկել» հրամանը գոյություն ուներ դեռևս հին հույների օրոք։ Այն ժամանակ զորակոչվում էին տասնյոթից մինչև յոթանասուն տարեկան բոլոր անձինք և նրանք զինվորական ծառայության ամբողջ երեսուն տարին անց էին կացնում դաշտում։ Խոզերի պես չէին թավալվում զորանոցներում։ Այն ժամանակ հրամանի լեզուն էլ միասնական էր ամբողջ զորքի համար։ Թող մեկնումեկը փորձեր էտրուսկերեն խոսել։ Հռոմեական պարոն սպաները նրանց մերը կլացացնեին։ Ես ևս պահանջում եմ, որ դուք բոլորդ ինձ պատասխանեք գերմաներեն, այլ ոչ թե ձեր տխմար լեզվով։ Տեսնո՞ւմ եք որքան հաճելի է ցեխի մեջ պառկել։ Հիմա պատկերացրեք, որ ձեզնից մեկնումեկը այլևս չցանկանա պառկել և վեր կենա։ Ի՞նչ կանեի ես այդ ժամանակ։ Կոլորեի շուն շանորդու ծնոտը, քանի որ նրա արածը համարվում է աստիճանահարգության խախտում, խռովություն, չենթարկվելու, զինվորի պարտականությունները չկատարելու փորձ, կանոնադրության ու կարգապահության անտեսում, առհասարակ ծառայական հրամանների զանցառում, որից հետևում է, որ այդ սրիկային սպասում է կախաղան և «Verwirkung des Anspruchs auf die Achtung der Stangagenossen»[47]։

Հոժարականը լռեց և, ըստ երևույթին, պաուզայի ընթացքում զորանոցային կյանքին վերաբերող մի նոր թեմա գտնելով, շարունակեց.

— Այս դեպքը, որ պիտի պատմեմ, պատահել է կապիտան Ադամչիկի օրոք։ Ադամչիկը չափազանց անտարբեր մարդ էր։ Նստում էր գրասենյակում խաղաղ խելագարի պես ու նայում դատարկ տարածությանը, կարծես ասելով. «Կերե՛ք ինձ, ճանճեր ու մոծակներ»։ Աստված գիտե, թե ինչ էր մտածում գումարտակային զեկույցի ժամանակ։ Մի անգամ տասնմեկերորդ վաշտի մի զինվոր գումարտակային զեկույցի ներկայացավ, նրան գանգատվելով, թե երեկ պրապորշչրկ Դաուերլինգը իրեն չեխական խոզ է անվանել։

Այդ զինվորը պատերազմից առաջ եղել էր կազմարար, իր ազգային արժանապատվությունը պահպանած բանվոր։ «Հը՛մ, այդպիսի բաներ…— կամաց ասաց կապիտան Ադամչիկը (նա միշտ էլ շատ կամաց էր խոսում)։— Այդ բանը նա ասել է երեկ երեկո փողոցո՞ւմ։ Հարկավոր է իմանալ, թե արդյոք դուք զորանոցից դուրս գալու թույլտվություն ունեցե՞լ եք։ Abtreten![48]»։

Մի որոշ ժամանակ անցնելուց հետո, կապիտան Ադամչիկը բողոքատուին կանչում է իր մոտ։ «Պարզված է,— ասում է նա ցածր ձայնով,— որ այդ օրը ձեզ թույլատրված է եղել մինչև իրիկվա ժամը տասը զորանոցից բացակայել։ Հետևապես, դուք պատիժ չեք կրի… Abtreten!»։ Այդ օրվանից, սիրելի ընկեր, կապիտան Ադամչիկը արդարամիտ մարդու համբավ էր վայելում։ Բայց ահա նրան ռազմաճակատ ուղարկեցին, իսկ նրա տեղը նշանակեցին մայոր Վենցելին։ Ազգային հալածանքի գործում սա մի իսկական հրրեշ էր, որը, և, ի վերջո, կարողացավ գերազանցել նույնիսկ պրապորշչիկ Դաուրելինգին։

Մայորը ամուսնացած էր չեխուհու հետ և չափազանց վախենում էր ազգային հարցի հետ կապված ամեն տեսակ վեճերից։ Մի քանի տարի առաջ, երբ նա Կուտնայա-Գորայում դեռևս կապիտան էր, ռեստորանում, հարբած վիճակում, մատուցողին չեխական խոզ էր անվանել։ (Անհրաժեշտ է ասել, որ մայորը հասարակության մեջ ու իր տանը բացառապես չեխերեն էր խոսում, և նրա որդիները սովորում էին չեխական գիմնազիաներում)։ «Խոսքը բերնիցդ թռցրիր, էլ տերը չես»,— և ահա այդ դեպքը թերթերի բերանն է ընկնում, իսկ Վիեննայի պառլամենտում մի դեպուտատ հարցապնդում է անում ռեստորանում մայոր Վենցելի թույլ տված արարքի մասին։ Վենցելն անախորժ դրության մեջ է ընկնում, որովհետև հենց այդ ժամանակ պառլամենտը պետք է հաստատեր զինապարտության օրինագիծը և, խնդրեմ, հենց այդ միջոցին մեջտեղ է գալիս հարբած կապիտան Վենցելի այդ պատմությունը։

Հետո կապիտանն իմանում է, որ այդ բոլորը ոմն հոժարական դերակալ-պրապորշչիկ Զիտկոյի սարքած գործն է։ Այդ Զիտկոն էր հոդված ուղարկել թերթին։ Նա ու կապիտան Վենցելը իրար հետ հաշիվներ ունեին դեռևս այն օրվանից, երբ մի անգամ Զիտկոն հասարակության միջ, հենց իր՝ կապիտան Վենցելի ներկայությամբ սկսել էր դատողություններ անել, թե. «Բավական է մարդ տեսնի աստծու ստեղծած աշխարհը, հորիզոնում երևացող ամպերն ու հեռվում բարձրացող լեռները, լսի անտառային ջրվեժի մռունչն ու հավքերի դայլայլը, որպեսզի ակամա մտածի, թե հոյակապ բնության համեմատությամբ ի՞նչ է ներկայացնում իրենից կապիտան Վենցելը,— նույնպիսի մի զրո, ինչպես և ամեն մի դերակալ պրապորշչիկ»։

Այդ ժամանակ բոլոր սպաները թունդ հարբած են եղել, կապիտան Վենցելն էլ է խմած եղել և ցանկացել է թշվառ փիլիսոփա Զիտկոյին շան քոթակ տալ։ Դրանից հետո նրանց թշնամությունը սաստկացել է, և կապիտան Վենցելը Զիտկոյից վրեժ էր լուծում որտեղ որ ձեռքից գալիս էր, մանավանդ որ պրապորշչիկի այն խոսքը, թե՝ «հոյակապ բնության համեմատությամբ ի՞նչ է ներկայացնում իրենից կապիտան Վենցելը», ասելիք էր դարձել և ամբողջ Կուտնայա-Գորայում բերնից բերան էր անցնում։ «ես այդ սրիկային կստիպեմ ինքնասպանություն գործել»,— ասել էր կապիտան Վենցելը։ Սակայն Զիտկոն պաշտոնաթող էր եղել և շարունակում էր փիլիսոփայությամբ զբաղվել։ Այդ օրվանից մայոր Վենցելը իր հերսը թափում է բոլոր կրտսեր սպաների վրա։ Նրա մոլեգնությունից զերծ չէ նույնիսկ պոդպորուչիկը, էլ չեմ խոսում յունկերների ու պրապորշչիկների մասին։ «Նրան կճզմեմ փայտոջիլի պես»,— սիրում է ասել մայոր Վենցելը, և վա՜յ այն պրապորշչիկին, որ մի դատարկ բանի համար որևէ զինվորի ուղարկում է գումարտակային զեկույցի։ Նրա քննությանը ենթակա են միայն մեծ ու ծանր զանցանքները, օրինակ, այն, որ պահակը քնում է վառոդի պահեստի պահակետում կամ կատարում ավելի խիստ հանցանք, ասենք, գիշերը փորձում է փախչել Մարինյան զորանոցների պարսպի վրայով և քնում է պարսպի վրա կամ ընկնում աշխարհազորայինների հրետանային պարեկի ձեռքը, մի խոսքով արատավորում իր գնդի պատիվը։ Ես մի անգամ լսել եմ, թե նա ինչպես միջանցքում բղավում էր․ «Աստվա՜ծ իմ, արդեն երրորդ անգամ աշխարհազորայինների պարեկը նրան բռնում է։ Անմիջապես կարցեր նստեցնել այդ շուն շանորդուն։ Այդպիսիներին պետք է գնդից դուրս շպրտել, թող գնա գումակում գոմաղբ տեղափոխի։ Նույնիսկ չի ցանկացել կռիվ անել նրանց հետ։ Մի՞թե դա զինվոր է։ Նա պետք է փողոց ավլի, և ոչ թե զինվորություն անի։ Երկու օր ուտելու բան չտալ։ Ներքնակ չտալ։ Մենախուց կոխել և վերմակ չտալ այդ փալասին»։

Հիմա պատկերացրեք, ընկեր, որ մայոր Վենցելին մեր գունդը տեղափոխելուն պես այդ ապուշ պրապորշչիկ Դաուերլինգը նրա մոտ գումարտակային զեկույցի է քշում մի զինվորի, թե իբր նա դիտմամբ իրեն՝ պրապորշչիկ Դաուերլինգին, պատիվ չի տվել, երբ ինքը կիրակի օրը ճաշից հետո մի օրիորդի հետ հրապարակով կառքով անցնելիս է եղել։ Ա՜յ թե աղմուկ է բարձրացել, ինչպես հետո պատմում էին ենթասպաները։ Ավագ գրագիրը թղթերն առած դուրս է փախել միջանցք, իսկ մայորն սկսել է գոռալ Դաուերլինգի վրա. «Այլևս այդպիսի բան չտեսնեմ։ Գիտե՞ք, թե գումարտակային զեկույցն ինչ է, պարոն պրապորշչիկ։ Գումարտակային զեկույցը schweifest[49] չէ։ Այդ զինվորն ինչպե՞ս կարող էր ձեզ նկատել այն ժամանակ, երբ դուք անցել եք հրապարակով։ Մոռացե՞լ եք, թե ինչ են սովորեցրել ձեզ։ Պատիվ տրվում է դեմ առ դեմ հանդիպող սպաներին, իսկ դա չի նշանակում, թե զինվորը պետք է ագռավի պես շարունակ գլուխը այս ու այն կողմ պտտեցնի ու տեսնի հրապարակով անցնող պրապորշչիկին։ Խնդրում եմ լռել։ Գումարտակային զեկույցը լուրջ բան է։ Եթե նա ձեզ ասել է, թե չէր կարող ձեզ տեսնել, քանի որ այդ պահին պատիվ է տվել երեսը դեպի ինձ արած, հասկանո՞ւմ եք, դեպի մայոր Վենցելն արած, և չէր կարող միաժամանակ հետ դառնալ ու նայել այն կառքին, որի մեջ նստած եք եղել, ապա պետք էր հավատալ նրան։ Խնդրում եմ այսուհետև ինձ այդպիսի դատարկ բաներով չզրաղեցնել»։ Այդ օրվանից Դաուերլինգը փոխվել է։

Հոժարականը հորանջեց։

— Վաղվա գնդային զեկույցին ներկայանալուց առաջ հարկավոր է մի լավ քնել։ Ես ցանկացա ձեզ, թեկուզ և մասամբ, իրազեկ դարձնել, թե մեր գնդում ինչն ինչոց է։ Գնդապետ Շրեդերը մայոր Վենցելին չի սիրում և առհասարակ շատ տարօրինակ մարդ է։ Կապիտան Սագները, հոժարականների վարժախմբի պետը, Շրեդերին իսկական զինվոր է համարում, չնայած որ գնդապետ Շրեդերը ոչ մի բանից այնքան չի վախենում, որքան ռազմաճակատ ընկնելուց։ Սագները շատ բան տեսած մարդ է, ինչպես և Շրեդերը, նա պահեստի սպաներին ատում է և նրանց անվանում հոտած քաղաքացիներ։ Հոժարականներին նա համարում է վայրի կենդանիներ, նրանց, ասում է նա, պետք է դարձնել ռազմական մեքենաներ, ուսադիրներին աստղեր կպցնել և ուղարկել ռազմաճակատ, որպեսզի նրանց այնտեղ կոտորեն կադրային ազնիվ սպաների փոխարեն, որոնց պետք է պահել որպես սերմացու։ Առհասարակ բանակում ամեն ինչից փթռակի հոտ է գալիս,— ասաց հոժարականը, վերմակը քաշելով վրան։— Մասսաները դեռ չեն հասունացել և աչքները չռած թույլ են աալիս, որ իրենց ռազմաճակատ քշեն և այնտեղ լապշայի պես կտրատեն։ Երբ մեկին գնդակ է դիպչում, միայն մի «մայրիկ ջան» է մրմնջում, և վերջ։ Ներկայումս հերոսներ չան, կան միայն մորթելու ենթակա անասուններ և գլխավոր շտաբներում նստած մսագործներ։ Սպասեցե՛ք, նրանք դեռ բանը ապստամբության կհասցնեն։ Ա՜յ, թե տուրուդմբոց կլինի։ Եվ ուրեմն, կեցցե՜ բանակը։ Բարի գիշեր։

Հոժարականը լռեց, հետո սկսեց վերմակի տակ շուռումուռ գալ և, ի վերջո, հարցրեց.

— Քնա՞ծ եք, ընկեր։

— Քունս չի տանում,— պատասխանեց Շվեյկն իր մահճակի վրայից,— միտք եմ անում․․․

— Իսկ ինչի՞ մասին, ընկեր։

— Այն «Խիզախության համար» արծաթե մեծ մեդալի մասին, որ ստացել էր Վինոգրադիի Վավրովսկա փողոցում ապրող մի խառատ, ազգանունը Մլիչկո։ Պատերազմի հենց սկզբին ամբողջ գնդում նա առաջինն էր եղել, որի ոտքն արկը կտրել էր։ Մլիչկոն ձրի արհեստական ոտք էր ստացել և սկսել էր ամեն տեղ իր մեդալով պարծենալ։ Պարծենում էր, թե ինքը գնդի ամենաառաջին հաշմանդամն է։ Մի անգամ նա եկավ Վինոգրադիի «Ապոլոն» պանդոկը և այնտեղ կռվի բռնվեց սպանդանոցի մսագործի հետ։ Ծեծկռտոցի ժամանակ նրա արհեստական ոտքը պոկեցին ու նրանով շրմփացրին գլխին, իսկ պոկողը չգիտեր, որ ոտքն արհեստական է, և վախից ուշաթափվեց։ Թաղամասային ոստիկանատանը խառատի ոտքը նորից տեղը գցեցին, բայց այդ օրվանից նա գազազեց իր «Խիզախության համար» արծաթե մեծ մեդալի վրա ու տարավ, որ լոմբարդում գրավ դնի։ Այնտեղ նրան չամփեցին իր մեդալի հետ, և սկսվեցին անախորժությունները։ Պատերազմի հաշմանդամների համար ինչ-որ պատվո դատարան կա, և ահա այդ դատարանը որոշեց հետ վերցնել հիշյալ արծաթե մեդալը և, բացի դրանից, հետ վերցնել նաև արհեստական ոտքը։

— Ինչպե՞ս թե։

— Շատ պարզ։ Մի գեղեցիկ օր նրա մոտ գալիս է մի հանձնաժողով և ասում, թե նա անարժան է արհեստական ոտք կրելու, հանում է ոտքն ու տանում…

— Պակաս զվարճալի չէ,— շարունակեց Շվեյկը,— երբ պատերազմում ընկածի հարազատները մի գեղեցիկ օր մեդալ են ըստանում և հետն էլ մի գրություն, թե ահա, գիտե՞ք, ձեզ շնորհվում է սույն մեդալը, որը կախեցեք աչքի ընկնող տեղում։ Վիշեգրադիի Բեժետեխով փողոցում ապրող մի հայր, կարծելով, թե զինվորական գերատեսչությունը նրան ձեռք է առել, գազազել ու մեդալը կախել էր արտաքնոցում։ Իսկ այդ ընդհանուր արտաքնոցից, որ գտնվում էր նախասենյակում, օգտվում էր նաև մի ոստիկան, և սա նրան մատնեց որպես պետական դավաճանի։ Խեղճ մարդու բանը վատ վերջացավ։

— Այստեղից հետևում է,— ասաց հոժարականը,— որ փառքը մի հոտած ձու էլ չարժե։ Վերջերս Վիեննայում հրատարակել են «Հոժարականի հուշատետր»-ը, որի մեջ մի այսպիսի հուզիչ ոտանավոր է զետեղված․

Կռվի մեջ ընկավ կամավորն արի…
Հանուն հայրենյաց ու թագավորի
Իր ջահել կյանքը նա զոհաբերեց
Եվ ընկերներին օրինակ տվեց։
Լաֆետին դրած տանում են նրան,
Տանում են շուքով, թարմ պսակներով,
Շողում է կրծքին մի շքանշան,
Որ կապիտանն է կպցրել իր ձեռքով։

— Քանի որ ինձ թվում է, որ մեզ մոտ մարտական ոգին ընկնում է,— կարճատև պաուզայից հետո ասաց հոժարականը,— ապա առաջարկում եմ, սիրելի բարեկամ, այս մութ գիշերին մեր խաղաղ բանտում երգել թնդանոթաձիգ Յաբուրկայի մասին հորինված երգը։ Դա ռազմական ոգին բարձրացնում է։ Սակայն պետք է գոռալ ինչպես հարկն է, այնպես, որ մեզ լսի ամբողջ Մարինյան զորանոցը։ Ուստի և առաջարկում եմ մոտենալ դռանը։

Եվ մի րոպե հետո կալանատնից լսվեց այնպիսի մի ոռնոց, որ միջանցքի ապակիներն սկսեցին ցնցվել.

Նա թնդանոթն էր լցնում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Եվ իր երգն էր նա երգում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։

Հանկարծ մի արկ հարվածեց,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Քաջի գլուխը կըտրեց,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։

Իսկ նա կորից էր լցնում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Եվ իր երգն էր դեռ երգում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։

Բակում ոտնաձայներ հնչեցին։

— Պրոֆոսն է,— ասաց հոժարականը։— Իսկ հետինը պոդպորուչիկ Պելիկանն է, որն այսօր հերթապահ է։ Նրա հետ ծանոթ եմ «Չեշսկայա բեսեդա»-ից։ Պահեստի սպա է, իսկ առաջ մի ապահովագրական ընկերությունում վիճակագիր էր։ Նրանից սիգարետներ կստանանք։ Դե, հապա՛, մեկ էլ զլենք։

Եվ Շվեյկն ու հոժարականը նորից որոտացին․

Նա թնդանոթն էր լցնում․․․

Դուռը բացվեց, և պրոֆոսը, ըստ երևույթին հերթապահ սպայի ներկայությունից սիրտ առած, կոպտաբար գոռաց․

— Սա գազանանոց չէ։

— Պարդոն,— պատասխանեց հոժարականը, — սա Ռուդոլֆինումի ֆիլիալն է։ Համերգ է կալանավորների օգտին։ Հենց նոր ավարտվեց ծրագրի առաջին համարը «Պատերազմի սիմֆոնիան»։

— Վե՛րջ տվեք,— ասաց պոդպորուչիկ Պելիկանը կեղծ խստությամբ։― Կարծեմ գիտեք, որ ժամը իննին պետք է պառկեք, և ոչ թե դեբոշ սարքեք։ Ձեր համերգային համարը լսվում է նույնիսկ հրապարակում։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն պոդպորուչիկ,— ասաց հոժարականը,― մենք չենք պատրաստվել ինչպես հարկն է, և այդ պատճառով, թերևս, որոշ աններդաշնակություն է առաշանում։

— Այս բանը նա անում է ամեն երեկո,— ջանաց պոդպորուչիկին իր թշնամու դեմ գրգռել պրոֆոսը,— և առհասարակ իրեն շատ անկուլտուրական է պահում։

— Պարոն պոդպորուչիկ,— ասաց հոժարականը,— թույլ տվեք ձեզ հետ խոսել առանձին։ Թող պրոֆոսը դռան հետևում սպասի։

Երբ պրոֆոսը դուրս եկավ, հոժարականն ասաց․

— Դեհ, սիգարետ հանիր, Ֆրանտա․․․ «Սպո՞րտ» է։ Մի՞թե դու էլ, լեյտենանտ տեղովդ, ավելի լավը չունես։ Ոչինչ, դրա համար էլ եմ շնորհակալ։ Հը՛մ։ Լուցկի էլ։

— «Սպո՜րտ»,— արհամարհանքով ասաց նա պոդպորուչիկի գնալուց հետո։— Կարիքի մեջ լինելիս էլ մարդ չպետք է ցածրանա։ Ծխեցեք, ընկեր, և բարի գիշեր։ Վաղը մես սպասում է ահեղ դատաստան։

Քնելուց առաջ հոժարականը չմոռացավ երգել․

Մեր բարեկամն են ժայռերը բարձրիկ, սար ու ձորերը,
Էլ հետ չեն գալու անցած օրերը,
Ա՜խ, իմ թանկագին…

Գնդապետ Շրեդերին Շվեյկի առաջ ներկայացնելով իբրև հրեշ, հոժարականն, իհարկե, սխալվում էր, քանի որ գնդապետն արդարության զգացումից իսպառ զուրկ չէր, մի բան, որ առավել պարզ արտահայտվում էր այն ժամանակ, երբ նա գոհ էր մնում ռեստորաններից մեկում սպաների ընկերակցությամբ անցկացրած երեկոյից։ Բայց եթե գոհ չէր մնում…

Այն ժամանակ, երբ հոժարականը հախուռն կերպով ոչնչացնող քննադատության էր ենթարկում գնդի գործերը, գնդապետ Շրեդերը ռեստորանում նստած էր սպաների մեջ և լսում էր, թե ինչպես պորուչիկ Կրեչմանը, որ Սերբիայից վերադարձել էր մի ոտքը վիրավոր (նրան կով էր պոզահարել), պատմում էր սերբերի դիրքերի վրա կատարված գրոհի մասին, որը նա դիտել էր շտաբից, ուր գործուղված էր եղել։

— Եվ ահա, դուրս թռան խրամատներից… Երկու կիլոմետրանոց ամբողջ գծով անցնում են լարափակոցների վրայով ու նետվում թշնամու վրա։ Գոտիներին ձեռնանռնակներ ու հակագազեր ամրացրած, հրացանները հորիզոնադիր բռնած, պատրաստ լինելով և՛ կրակելու, և՛ սվինամարտի։ Սուլում են գնդակները։ Ահա մի զինվոր ընկնում է հենց այն պահին, երբ դուրս է սողում խրամատից, մի ուրիշն ընկնում է հողապատնեշի վրա, երրորդը՝ մի քանի քայլ անելուց հետո, սակայն մարդկային մարմինների հեղեղը շարունակում է առաջ նետվել որոտալից «ուռռա»-ով, ծխի ու փոշու ամպի մեջ։ Թշնամին կրակում է բոլոր կողմերից, խրամատներից, արկերի բացած ձագարներից, և մեզ վրա է ուղղում գնդացիրները։ Եվ նորից ու նորից ընկնում են զինվորները։ Մեր դասակն աշխատում է գրավել թշնամու գնդացիրները։ Ոմանք ընկնում են, բայց մյուսներն արդեն առջևում են։ Ուռռա՜։ Ընկնում է մի սպա… Հրաձգությունը լռում է, պատրաստվում է ինչ-որ սոսկալի բան… Նորից ընկնում է մի ամբողջ դասակ։ Տկտկում են թշնամու գնդացիրները։ «Տըկ-տըկ-տըկտըկտըկ-տըկ»։ Ընկնում է… Կներեք, չեմ կարող շարունակել, ես հարբած եմ…

Վիրավոր սպան լռեց և, բութ հայացքով իր առջևը նայելով, շարունակեց նստած մնալ բազկաթոի վրա։ Գնդապետ Շրեդերը բարեհաճ ժպիտով սկսեց լսել, թե ինչպես կապիտան Սպիրոն, բռունցքը սեղանին խփելով, ասես մեկի հետ վիճելով, ինչ-որ տխմարություն է դուրս տալիս.

— Դատեցեք ինքներդ, մեր դրոշների տակ են աշխարհազորական ուլանները, ավստրիական աշխարհազորականները, բոսնիական եգերները, ավստրիական հետևակը, հունգարական հետևակը, հունգարական հետիոտն հոնվեդները, հունգարական հուսարները, աշխարհազորական հուսարները, հեծյալ եգերները, դրագունները, ուլանները, հրետանին, գումակը, սակրավորներ, սանիտարները, նավատորմը։ Իսկ Բելգիան ի՞նչ ունի։ Առաջին և երկրորդ զորակոչի ենթարկվածները կազմում են բանակի օպերատիվ մասը, երրորդ զորակոչի կազմը ծառայում է թիկունքում…— Կապիտան Սպիրոն ձեռքը խփեց սեղանին։— Խաղաղ ժամանակ աշխարհազորը ծառայում է երկրի ներսում։

Երիտասարդներից մեկը բարձր ձայնով,— որպեսզի գնդապետը լսեր ու հավաստիանար նրա մարտական ոգու անսասանությանը,— կողքի նստածին ասում էր.

— Ես տուբերկուլյոզավորներին կուղարկեի ռազմաճակատ, դա նրանց համար օգտակար է, և, բացի դրանից, ավելի լավ կլինի հիվանդները սպանվեն, քան առողջները։

Գնդապետը ժպտաց։ Բայց հանկարծ նա մռայլվեց և, դիմելով մայոր Վենցելին, ասաց.

— Զարմանում եմ, թե ինչու պորուչիկ Լուկաշը խուսափում է մեր ընկերությունից։ Իր գալու օրվանից նա ոչ մի անգամ մեր շրջանում չի եղել։

— Ոտանավորներ է գրում,— ծաղրանքով պատասխանեց կապիտան Սագները։— Դեռ տեղ չհասած սիրահարվել է ինժեներ Շրեյտերի կնոջ վրա, երբ տեսել է թատրոնում։

Գնդապետը դեմքը կնճռոտեց.

— Ասում են, նա կուպլետներ լավ է երգում։

— Դեռևս կադետական կորպուսում իր կուպլետներով բոլորիս զվարճացնում էր,— պատասխանեց կապիտան Սագները։— Իսկ նրա անեկդոտներն ուղղակի մարդու քեֆ են բերում։ Չգիտեմ ինչու նա այստեղ չի գալիս։

Գնդապետը գլուխը տխուր շարժեց.

— Ներկայումս սպաների մեջ այլևս չկա ընկերության այն զգացումը, որ կար մեր ժամանակ։ Անցյալում ամեն մի սպա աշխատում էր իր կողմից մի բան անել բոլորին ուրախացնելու համար։ Պորուչիկ Դանկելը (այդպիսի մեկը կար), օրինակ, հանկարծ ոտից-գլուխ կմերկանար ակումբում, կպառկեր հատակին, սելյոդկայի պոչը կխոթեր հետույքն ու հավերժահարս կձևանար։ Մի ուրիշը, պոդպորուչիկ Շլեյսները, կարողանում էր ականջները շարժել, հովատակի պես խրխնջալ, կատվի պես մլավել ու կրետի պես դզալ, հիշում եմ նաև կապիտան Սկոդային։ Ամեն անգամ, երբ մեր սիրտն ուզում էր, նա իր հետ երեք աղջիկ էր բերում։ Քույրեր էին։ Կարծես նրա ձեռքի տակ վարժված շներ լինեին։ Դնում էր նրանց սեղանի վրա, սկսում էր չափ տալ, և նրանք չափի տակ սկսում էին մերկանալ։ Ձեռքին դիրիժյորական փայտիկ ուներ, և, հարկ է արժանին հատուցել, շատ լավ դիրիժյոր էր։ Ինչե՜ր ասեք այդ աղջիկների հետ չէր անում բազմոցի վրա։ Մի անգամ պատվիրեց սենյակի մեջտեղը տաք ջրով լցրած մի վաննա դնել, և մենք հերթով պետք է լողանայինք այն երեք աղջիկների հետ, իսկ նա մեզ լուսանկարում էր։

Այդ հուշն իսկ բավական էր, որպեսզի գնդապետ Շրեդերն երանաբար ժպտար։

— Ինչի վրա ասեք գրազ չէինք գալիս այս վաննայի մեջ․․․— շարունակեց գնդապետը, շրթունքները նողկալիորեն ճպպացնելով և բազկաթոռի մեջ անհանգիստ շուռումուռ գալով։— Իսկ հիմա՞։ Մի՞թե սա զվարճություն է։ Մինչև անգամ կուպլետիստը չի գալիս։ Հիմա կրտսեր սպաները նույնիսկ խմել չգիտեն։ Դեռ ժամը տասներկուսը չկա, բայց, ինչպես տեսնում եք, սեղանի շուրջն արդեն հինգ հարբած կա։ Առաջ մենք երկու օր ու գիշեր նստում էինք և ինչքան խմում, այնքան ավելի էինք սթափանում, չնայած որ անընդհատ փորներս գարեջուր, գինի, լիկյոր էինք լցնում… Հիմա այլևս իսկական մարտական ոգի չկա։ Սատանան գիտե, թե ինչու է այդպես։ Ո՛չ մի սրամիտ խոսք, շարունակ ինչ-որ վերջ չունեցող պատմություններ։ Հապա լսեցեք, թե սեղանի այն ծայրին ինչ են խոսում Ամերիկայի մասին։

Սեղանի մյուս ծայրին ինչ-որ մեկը լուրջ տոնով ասում էր․

— Ամերիկան չի կարող պատերազմին խառնվել։ Ամերիկացիներն ու անգլիացիները իրար թշնամի են։ Ամերիկան պատրաստ չէ պատերազմելու։

Գնդապետ Շրեդերն հառաչեց։

— Ահա և պահեստի սպաների դատարկախոսությունը։ Ո՞ր սատանան է դրանց այստեղ բերել։ Երևի դեռ երեկ այդ պարոնը որևէ բանկում թուղթ էր խզբզում կամ ծառայում խանութում, ապրանք փաթաթում թղթի մեջ և արմատիք, դարչին ու գուտալին ծախում կամ որևէ դպրոցում երեխաներին սովորեցնում, թե սովն է գայլին ստիպում անտառից դուրս գալ, իսկ հիմա նա ոտք է գցում կադրային սպաների հետ, ամեն բանում խելքին զոռ տալիս և ամեն տեղ քիթը խոթում։ Իսկ եթե մեզ մոտ կադրային սպաներ են գալիս, ինչպես, օրինակ, պորուչիկ Լուկաշը, ապա դրանք չեն բարեհաճում երևալ մեր ընկերական շրջանում։

Գնդապետը տուն գնաց շատ վատ տրամադրությամբ։ Հաջորդ օրն առավոտյան նրա տրամադրությունն ավելի վատացավ, որովհետև թերթերում, որոնք նա կարդում էր անկողնում պառկած, ռազմաբեմից ստացված ամփոփագրի մեջ մի քանի անգամ հանդիպեց հետևյալ նախադասությանը. «Մեր զորքերը հետ քաշվեցին նախապես պատրաստված դիրքեր»։ Ավստրիական բանակի համար վրա էր հասնում մի պանծալի ժամանակաշրջան, որը երկու կաթիլ ջրի պես նման էր Շաբացի օրերին։

Իր կարդացածի ազդեցության ներքո, գնդապետը առավոտվա ժամը տասին անցավ այն ֆունկցիայի կատարմանը, որ հոժարականը, ըստ երևույթին իրավացիորեն, անվանել էր ահեղ դատաստան։

Շվեյկն ու հոժարականը կանգնած էին բակում և սպասում էին գնդապետին։ Հավաքվել էին բոլորը՝ ֆելդֆեբելը, հերթապահ սպան, գնդի համհարզը և գնդի գրասենյակի գրագիրը՝ ձեռքին այն մեղսագործների գործերը, որոնց սպասում էր Նեմեզիդայի սուրը, այսինքն գնդային զեկույցի ներկայանալը։

Ընդունելով զեկույցը, գնդապետը մեռելային լռության մեջ մի քանի անգամ գնաց ու եկավ Շվեյկի ու հոժարականի մոտով, որոնք «աջ հավասարում» ու «ձախ հավասարում» էին կատարում, նայած թե գնդապետը որ թևում էր գտնվում։ Նա այնքան երկար գնաց ու եկավ, իսկ նրանք էլ հավասարումն այնպես ջանադրաբար էին կատարում, որ քիչ էր մնում վիզները կոտրեին։ Վերջապես գնդապետը կանգ առավ հոժարականի առաջ։

Վերջինս զեկուցեց.

— Հոժարական…

— Գիտե՜մ,— չոր-չոր ասաց գնդապետը,— հոժարական վիժվածք․․․ Ի՞նչ էիք անում պատերազմից առաջ։ Կլասիկ փիլիսոփայության ուսանո՞ղ։ Ասել կուզե, իրեն հարբեցողության տված ինտելիգենտ։ Պարոն կապիտան,— ասաց նա Սագներին,— այստեղ բերեք հոժարականների ամբողջ վարժակազմը… Հը՛մ,— շարունակեց գնդապետը նորից խոսքն ուղղելով հոժարականին,— և ահա կլասիկ փիլիսոփայության այսպիսի ուսանողների պատճառով մենք ստիպված ենք կեղտոտվել։ Kehrt euch![50]։ Այդպես էլ գիտեի։ Շինելի փոթերը կարգի չեն բերված։ Կարծես հենց այս րոպեիս փողոցային կնոջ մոտից է գալիս կամ բոզանոցում թավալ է տվել։ Սպասեցեք, աղավնյակս, ես ձեզ ցույց կտամ։

Հոժարականների վարժակազմը մտավ բակ։ «Կարե՛»,— հրամայեց գնդապետը, և զորամասը նրան ու մեղսագործներին շրջապատեց մի թանձր քառակուսիով։— Նայեցեք այս մարդուն,— սկսեց գնդապետն իր ճառը, մտրակով ցույց տալով հոժարականին,— Նա հարբել, արատավորել է մեր պատիվը, պատիվը հոժարականների, որոնք պատրաստվում են դառնալ ռազմի դաշտում իրենց զինվորներին դեպի մարտ, դեպի փառք առաջնորդող սպաներ, հրամանատարներ։ Իսկ իր զինվորներին դեպի ո՞ւր կառաջնորդեր այս հարբեցողը։ Գինետնից գինետուն։ Նա զինվորներին տրվող ամբողջ ռոմը միայն ինքը կլակեր… Ի՞նչ կարող եք ասել ձեզ արդարացնելու համար,— դիմեց նա հոժարականին։— Ոչի՞նչ։ Նայեցեք նրան ու հիացեք։ Ոչ մի խոսք չի կարող ասել իրեն արդարացնելու համար։ Այնինչ կլասիկ փիլիսոփայություն է ուսումնասիրել։ Իսկապես կլասիկ դեպք։— Գնդապետը դիտմամբ վերջին խոսքերն արտասանեց դանդաղ և ապա թքեց։— Կլասիկ փիլիսոփայի՜ս տեսեք, որը գիշերները հարբած վիճակում սպաների գլխից գլխարկներ է թռցնում։ Տի՛պ է։ Դեռ լավ է, որ հրետանու սպա է եղել։

Այդ վերջին բառերով արտահայտվում էր Իննսունմեկերորդ գնդի թշնամանքը Բոլդեյովիցիի հրետանու նկատմամբ։ Վայն եկել ու տարել էր այն հրետանավորին, որ գիշերն ընկնում էր հետևակայինների պարեկի ձեռքը, և ընդհակառակը։ Թշնամանքը խորն էր ու անհաշտելի, իսկական վենդետա, արյան վրեժ, որ ժառանգաբար անցնում էր զորակոչվածների մի հերթից մյուսին։ Այդ թշնամանքը թե մեկ և թե մյուս կողմից դրսևորվում էր ավանդական ձևերով. կամ հետևակայիններն էին հրետանավորներին հրում-գցում Վլտավա գետը, կամ ընդհակառակը։ Իրար դնգստում էին «Պորտ-Արտուր»-ում, «Վարդի մոտ» պանդոկում և հարավային Չեխիայի մայրաքաղաքի մյուս բազմաթիվ զվարճավայրերում։

— Այնուամենայնիվ,― շարունակեց գնդապետը,— այդօրինակ արարքը արժանի է խիստ պատժի։ Այդ տիպը պետք է վտարվի հոժարականների դպրոցից, պետք է բարոյապես ոչնչացվի։ Այդպիսի ինտելիգենտներ բանակին պետք չեն։ Regimentskanzlei![51]։

Գնդի գրագիրը մոտեցավ դեմքի խիստ արտահայտությամբ, գործերն ու մատիտը պատրաստ պահած։

Տիրեց լռություն, ինչպես դատարանի դահլիճում, երբ այնտեղ դատում են որևէ մարդասպանի և նախագահը հայտարարում է. «Հրապարակվում է դատավճիռը․․․»։

Ճիշտ այդպիսի տոնով գնդապետը հայտարարեց.

— Հոժարական Մարեկը դատապարտվում է քսանմեկ օրվա խիստ կալանքի և պատիժը կրելուց հետո ուղարկվում է խոհանոց՝ կարտոֆիլ մաքրելու։

Եվ շուռ գալով դեպի հոժարականների զորախումբը, գնդապետը հրամայեց․ «Շարասյուն կազմե՛լ»։ Լսելի էր, թե ինչպես զորախումբը արագ-արագ քառաշարքեր էր կազմում ու հեռանում։ Գնդապետը կապիտան Սագներին դիտողություն արեց, թե զորախումբը այնքան էլ համաչափ չի քայլում, և ասաց, որ նա ճաշից հետո նրանց հետ զբաղվի քայլավարժությամբ։

― Քայլերը պետք է թնդան, պարոն կապիտան։ Հա՛, քիչ էր մոռանայի,— ավելացրեց գնդապետը։— Նրանց հայտարարեցեք, որ հոժարականների ամբողջ զորախումբը հինգ օրով զրկվում է արձակուրդից, որպեսզի չմոռանա իր նախկին զինակցին, այդ սրիկա Մարեկին։

Իսկ սրիկա Մարեկը Շվեյկի կողքին կանգնած էր չափազանց գոհ տեսքով։ Նա իր համար դրանից լավ բան չէր էլ կարող երազել։ Անհամեմատ ավելի հաճելի է խոհանոցում կարտոֆիլ մաքրել, խմորագնդիկներ սարքել ու միս կտրատել, քան հակառակորդի փոթորկալի կրակի տակ, շալվարը լիքը լցրած, բղավել․ «Einzelabfallen! Bajonett auf!»[52]։

Հեռանալով կապիտան Սագներից, գնդապետ Շրեդերը կանգ առավ Շվեյկի առաջ և սկսեց սևեռուն հայացքով նրան նայել։ Այդ պահին Շվեյկի արտաքինի համար առավել բնութագրական էին նրա ժպտացող կլոր դեմքն ու խոշոր ականջները, որ դուրս էին ցցվել ցած քաշած գլխարկի տակից։ Շվեյկի տեսքից երևում էր, որ նա միանգամայն անվրդով է և իրեն բնավ մեղավոր չի համարում։ Նրա աչքերն հարցնում էին․ «Արդյոք որևէ վատ բա՞ն եմ արել» և՝ «Ես ի՞նչ մեղք եմ գործել»։

Գնդապետն իր դիտողություններն ամփոփեց գնդի գրագրին ուղղած այս հարցով.

— Ապո՞ւշ է,— և տեսավ, թե ինչպես բացվեց Շվեյկի լայն, բարեհոգաբար ժպտացող բերանը։

— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, ապուշ եմ,— գրագրի փոխարեն պատասխանեց Շվեյկը։

Գնդապետը համհարզին գլխով արեց և նրա հետ մի կողմ քաշվեց։ Ապա կանչեց գնդի գրագրին, և նրանք աչքի անցրին Շվեյկի գործը։

— Հը՛մ,— ասաց գնդապետը,— սա, ասել կուզե, պորուչիկ Լուկաշի սպասյակն է, որը, պորուչիկի զեկույցի համաձայն, կորել է Թաբորում։ Ըստ իս պարոնայք սպաներն իրենք պետք է դաստիարակեն իրենց սպասյակներին։ Իսկ քանի որ պարոն պորուչիկ Լուկաշը իր համար սպասյակ է ընտրել մի այսպիսի ապուշի, ապա թող հենց ինքն էլ տանջվի դրա ձեռին։ Նա բավական ազատ ժամանակ ունի, քանի որ ոչ մի տեղ չի գնում։ Կարծեմ դուք էլ նրան ոչ մի անգամ մեր ընկերական շրջանում չեք տեսել։ Ա՛յ, տեսնում եք։ Նշանակում է, նա իր սպասյակին խելքի բերելու ժամանակ կունենա։

Գնդապետ Շրեդերը մոտեցավ Շվեյկին և, նրա բարեհամբույր դեմքը զննելով, ասաց.

— Երեք օրով խիստ կալանք, հիմար անասուն։ Պատիժը կրելուց հետո ներկայանալ պորուչիկ Լուկաշին։

Այդպիսով Շվեյկը գնդի հաուպտվախտում նորից հանդիպեց հոժարականին, իսկ պորուչիկ Լուկաշն երևի մեծ բավականություն վայելեց, երբ գնդապետը նրան կանչեց իր մոտ և ասաց.

— Պարոն պորուչիկ, մոտ մի շաբաթ առաջ, ժամանելով գունդը, դուք ինձ զեկույց ներկայացրիք ձեզ սպասյակ տրամադրելու մասին, քանի որ ձեր նախկին սպասյակը կորել էր Թաբոր կայարանում։ Սակայն ի նկատի ունենալով, որ ձեր սպասյակը վերադարձել է…

— Պարոն գնդապետ…― աղերսանոք ասաց պորուչիկը։

— …ես որոշեցի նրան երեք օրով բանտ նստեցնել, որից հետո կուղարկեմ ձեզ մոտ։

Ցնցված Լուկաշը օրորվելով դուրս եկավ գնդապետի կաբինետից։

Շվեյկը մեծ բավականությամբ այդ երեք օրն անցկացրեց հոժարական Մարեկի ընկերակցությամբ։ Ամեն երեկո նրանք հայրենասիրական ելույթներ էին կազմակերպում։ Երեկոյան հաուպտվախտից լսվում էին «Պահպանիր, տեր, թագավորին» և «Prinz Eugen der edle Ritter»[53] երգերը։

Ապա դրանց հաջորդում էր զինվորական երգերի մի ամբողջ շարք, իսկ երբ գալիս էր պրոֆոսը, նրանք նրան դիմավորում էին հետևյալ կանտատայով.

Պրոֆոս, մահից մի՛ վախենա,
Քանզի երբեք չես մահանա.
Սատանաները կըշտապեն,
Որ գան ու քեզ ողջ-ողջ տանեն։

Նարերի վերևում հոժարականը նկարել էր պրոֆոսին և տակը գրել մի հինավուրց երգից քաղված այս տողերը.

Գնում էի երշիկ առնեմ,
Բայց մի հիմար ելավ իմ դեմ.
Այդ հիմարը պրոֆոսն էր մեր,
Որ քիչ մնաց քիթս կծեր։

Եվ մինչ երկուսով գազազեցնում էին պրոֆոսին, ինչպես Սևիլիայում կարմիր թիկնոցով գազազեցնում են անդալուզյան ցուլին, պորուչիկ Լուկաշը ճնշող մի զգացումով սպասում էր, թե Շվեյկը երբ պիտի հայտնվի նրա մոտ և ասի, թե անցնում է իր պարտականությունների կատարմանը։


Շվեյկի արկածները Կիրալուհիդայում

Իննսունմեկերորդ գունդը տեղափոխեցին Լիտավայի Մոստ քաղաքը՝ Կիրալուհիդա։

Շվեյկն արդեն երեք օր բանտ էր նստել։ Ազատվելու ժամկետից երեք ժամ առաջ նրան հոժարականի հետ միասին տարան գլխավոր հաուպտվախտ, իսկ այնտեղից պահակախմբի հսկողությամբ ուղարկեցին կայարան։

— Վաղուց պարզ էր, որ մեզ տեղափոխելու են Հունգարիա,— ճանապարհին ասաց հոժարականը Շվեյկին։ Այնտեղ երթային գումարտակներ կկազմավորվեն, իսկ այդ միջոցին մեր զինվորները կվարժվեն հրաձգության մեջ ու կգզվռտվեն մաջարների հետ, հետո ուրախ կդիմենք դեպի Կարպատներ։ Իսկ Բուդեյովիցիում մաջարական կայազոր կտեղավորեն, և կսկսվի խառնակություն ցեղաց։ Կա մի տեսություն, թե ուրիշ ազգի աղջիկներ բռնաբարելը այլասերումից խուսափելու ամենալավ միջոցն է։ Երեսնամյա պատերազմի ժամանակ այդ բանն անում էին շվեդներն ու իսպանացիները, Նապոլեոնի ժամանակ՝ ֆրանսիացիները, իսկ հիմա Բուդեյովիցիի շրջանում կանեն մաջարները։ Բայց, իհարկե, դա գռեհիկ բռնաբարության բնույթ չի կրի։ Ամեն ինչ կկատարվի ինքնաբերարար։ Տեղի կունենա պարզ փոխանակություն, չեխ զինվորը կպառկի հունգարացի աղջկա հետ, իսկ չեխ աղքատ բատրակուհին իր հարկի տակ կառնի հունգարացի հոնվեդին։ Մի քանի հարյուրամյակներ հետո մարդաբանները շատ կզարմանան, երբ տեսնեն, որ Մալշայի ափերին բնակվողների դեմքերին ցցուն այտոսկրեր են հայտնվել։

— Խաչաձև զուգավորումը,— հարեց Շվեյկը,— առհասարակ հետաքրքիր բան է։ Պրագայում մի նեգր մատուցող կա, անունը Քրիստիան։ Նրա հայրը Հաբեշստանի թագավոր է եղել։ Այդ թագավորին ցույց էին տալիս Պրագայում, Շավանիցայի կրկեսում։ Այդ թագավորի վրա սիրահարվել էր մի ուսուցչուհի, որը «Լադա»-ում ոտանավորներ էր գրում հովվուհիների և անտառում կարկաչող առվակների մասին։ Ուսուցչուհին նրա հետ գնում է հյուրանոց և «անձնատուր լինում անառակության», ինչպես գրված է սուրբ գրքում։ Բայց որքա՜ն է զարմանում ուսուցչուհին, երբ հետագայում բոլորովին սպիտակ երեխա է ծնում։ Սակայն ծնունդից երկու շաբաթ էլ չանցած տղան սկսում է գորշանալ։ Գորշանում է, գորշանում, իսկ մի ամիս հետո՝ սկսում սևանալ։ Կես տարի հետո երեխան արդեն սև էր իր հոր՝ հաբեշների թագավորի պես։ Մայրը նրան տանում է մաշկային հիվանդությունների կլինիկա, որ իմանա, թե արդյոք երեխային գունաթափ անելու որևէ հնար չկա՞, բայց նրան ասում են, թե տղան իսկական սևամորթի մաշկ ունի և ոչինչ անել չի կարելի։ Ուսուցչուհին այդ ամենից հետո ցնդում է և սկսում բոլոր ժուռնալների «Խորհուրդներ ընթերցողին» բաժիններին հարցեր ուղարկել, թե ի՞նչ ճար կա սևամորթության դեմ։ Նրան տանում են Կատերժինկա, իսկ երեխային որբանոց տալիս։ Ա՜յ թե մազալու բան է եղել նրան այնտեղ դաստիարակելը։ Հետո նա մատուցող էր դարձել և պարում էր գիշերային սրճարաններում։ Հիմա նրանից մեծ հաջողությամբ չեխ մուլատներ են ծնվում, բայց արդեն ոչ այնպես սև, ինչպես նա ինքը։ Սակայն, ինչպես «Թասի մոտ» պանդոկում մեզ բացատրում էր մի բուժակ, գույնի հարցն այնքան էլ հասարակ բան չէ։ Այդպիսի մուլատից դարձյալ մուլատներ են ծնվում, որոնց շատ դժվար է տարբերել սպիտակներից, բայց մի քանի սերունդից հետո կարող է հանկարծ նեգր հայտնվել։ Պատկերացրեք այսպիսի խայտառակ բան. ամուսնանում եք մի որևէ օրիորդի հետ, բացարձակապես սպիտակ է շան քածը, և մի գեղեցիկ օր, ա՛ռ հա, նեգր է ծնում ձեզ համար։ Իսկ եթե նա դրանից ինն ամիս առաջ ձեր բացակայությամբ մի անգամ եղել է վարիետեում և դիտել նեգրի մասնակցությամբ տեղի ունեցած ֆրանսիական ըմբշամարտ, ապա պարզ է, որ դուք իրավունք ունեք մտածմունքի մեջ ընկնելու։

— Նեգր Քրիստիանի այդ դեպքը, որ դուք ասում եք, անհրաժեշտ է քննել ռազմական տեսակետից,— ասաց հոժարականը։— Ենթադրենք, թե այդ նեգրին զինվորական ծառայության են կանչել, իսկ նա պրագացի է և, հետևապես, ընկնում է Քսանութերորդ գունդը։ Ինչպես լսել եք, Քսանութերորդ գունդը անցել է ռուսների կողմը։ Պատկերացրեք, թե ինչպե՜ս կզարմանային ռուսները, երբ Քրիստիանին գերի վերցնեին։ Ռուսական թերթերում, հավանաբար, կգրեին, թե Ավստրիան պատերազմելու է քշում իր գաղութային զորքերին (որպիսիք նա չունի) և թե Ավստրիան արդեն օգտագործում է սևամորթ ռեզերվներ։

— Հիշում եմ, ասում էին, թե Ավստրիան գաղութներ ունի,— ասաց Շվեյկը,— հյուսիսում ինչ-որ մի տեղ։ Կայսր Ֆրանց Յոսիֆի Երկիր են ասում։

— Վե՛րջ տվեք այդ խոսակցությանը, տղերք,— մեջ մտավ պահակախմբի զինվորներից մեկը։— Հիմա կայսր Ֆրանց Յոսիֆի երկրի-մերկրի մասին խոսելը վտանգավոր է։ Ավելի լավ կլինի անուններ չտաք։

— Իսկ դուք քարտեզը նայեցեք,— ընդհատեց նրան հոժարականը։— Իսկապես գոյություն ունի մեր ամենաողորմած միապետ կայսր Ֆրանց Յոսիֆի Երկիր։ Ըստ վիճակագրության տվյալների, այնտեղ միայն սառույց կա, որն և այնտեղից արտահանվում է Պրագայի սառցարաններին պատկանող սառցահատներով։ Մեր սառցարդյունաբերությունը արտասահմանում էլ բարձր գնահատականի ու հարգանքի է արժանացել, քանի որ շատ շահութաբեր, թեպետ և վտանգավոր ձեռնարկում է։ Ֆրանց Յոսիֆի Երկրից սառույց արտահանելու գործում ամենավտանգավոր բանը սառույցը բևեռային շրջանից դուրս բերելն է։ Պատկերացնում եք, չէ՞։

Պահակախմբի զինվորն ինչ-որ անորոշ բան փնթփնթաց։ Պահակախմբի պետ կապրալը մոտ եկավ ու սկսեց լսել հոժարականի բացատրությունները։ Վերջինս խորիմաստ ձևով շարունակեց.

— Ավստրիայի այդ միակ գաղութը կարող է ամբողջ Եվրոպային սառույց մատակարարել և տնտեսական խոշոր գործոն է։ Իհարկե, գաղութացման գործը դանդաղ է առաջ գնում, քանի որ գաղութաբնակների մի մասն առհասարակ չի ուզում այնտեղ գնալ, մի մասն էլ ցրտամահ է լինում։ Այնուամենայնիվ հույս կա, որ կլիմայական պայմանները բարելավելու շնորհիվ, որով շատ շահագրգռված են առևտրի և արտաքին գործոց մինիստրությունները, լայնատարած սառցադաշտերը կօգտագործվեն ինչպես հարկն է։ Մի քանի հոթելներ սարքելով կարելի է տուրիստների բազմություններ քաշել ու տանել այնտեղ։ Անհրաժեշտ է, իհարկե, նրանց հարմարության համար սառցաբեկորների միջև տուրիստական արահետներ և ուղիներ բացել և սառցատների վրա ճանապարհացույց նշաններ նկարել։ Միակ խոչընդոտը էսկիմոսներն են, որոնք արգելակում են մեր տեղական օրգանների աշխատանքը

Կապրալն հետաքրքրությամբ լսում էր։ Նա գերաժամկետ ծառայության զինվոր էր, որ մինչև բանակ կանչվելը բատրակ էր եղել, սահմանափակ ու խստաբարո մի մարդ, որ ջանում էր մի կերպ իրազեկ լինել այն ամենին, ինչ իր խելքի բանը չէր։ Նրա միակ նպատակը ֆելդֆեբելի աստիճանի հասնելն էր։

— …սրիկաները չեն ուզում գերմաներեն լեզուն սովորել,— շարունակեց հոժարականը,— թեև լուսավորության մինիստրությունը, պարոն կապրալ, ոչ մի ծախքի ու մարդկային զոհերի աոաջ կանգ չառնելով, նրանց համար դպրոցներ է կառուցել, որի ժամանակ սառել են հինգ շինարար ճարտարապետներ և…

— Քարտաշները փրկվել են,— ընդհատեց նրան Շվեյկը։— Նրանք տաքացել են ծխամորճի կրակով։

— Ո՛չ բոլորը,— առարկեց հոժարականը,— երկուսին դժբախտություն է պատահել։ Նրանք մոռացել են, որ ծուխը պետք է ներս քաշել, որի պատճառով ծխամորճերը հանգել են, և մարդիկ ստիպված նրանց թաղել են սառույցի մեջ։ Բայց վերջ ի վերջո դպրոցը շինել-վերջացրել են։ Շինել են սառցե աղյուսներից ու երկաթբետոնից։ Այդպես շատ ամուր է լինում։ Այն ժամանակ էսկիմոսները իրենց դպրոցի շուրջր խարույկներ են վառել սառույցների մեջ ճզմված առևտրական նավերի բեկորներից և իրենց ուզածն արել։ Այն սառցակտորը, որի վրա կանգնած է եղել դպրոցը, հալվել է, և դպրոցն ամբողջովին թաղվել է ծովի մեջ իր դիրեկտորի և կառավարության ներկայացուցչի հետ, որը հաջորդ օրը պետք է ներկա լիներ դպրոցի հանդիսավոր օծմանը։ Այդ սոսկալի պահին միայն այն են լսել, թե ինչպես կառավարության ներկա յացուցիչը, արդեն մինչև կոկորդը ջրի մեջ, գոռացել է. «Gott, Strafe England!»[54]։ Հիմա, երևի, զորքեր կուղարկեն այնտեղ, որպեսզի էսկիմոսների մոտ կարգ ու կանոն ստեղծեն։ Ի՜նչ խոսք, նրանց հետ կռվելը դժվար է։ Մեր զորքին ամենից շատ կվնասեն նրանց վարժեցրած սպիտակ արջերը։

— Հենց ա՛յդ էր պակաս,— խելամտորեն հարեց կապրալը։— Առանց այն էլ ռազմական գյուտերին թիվ ու համար չկա։ Վերցնենք, օրինակ, գազով թունավորելու դիմակները։ Քաշում ես գլխիդ, և րոպեապես թունավորված ես, ինչպես մեզ սովորեցնում էին ենթասպայական դպրոցում։

— Դա ձեզ վախեցնելու համար են ասել,— պատասխանեց Շվեյկը։— Զինվորը ոչինչից չպիտի վախենա։ Եթե, օրինակ, կռվի ժամանակ ընկել ես արտաքնոցի հորը, ապա լիզելով մաքրիր ինքդ քեզ և նորից նետվիր դեպի մարտ։ Իսկ թունավոր գազերը մեզպեսների համար սովորական բան են եղել դեռևս զորանոցներում, զինվորաբաժին հացն ու կորկոտախառն սիսեռն ուտելուց հետո։ Բայց ահա, ասում են, ռուսները ինչ-որ բան են հնարել հատկապես ենթասպաներին ոչնչացնելու համար։

— Հա՛, մի տեսակ էլեկտրական լար,— ավելացրեց հոժարականր,— որը ենթասպայի օձիքի ցելուլոիդի աստղերին միացնելիս պայթյուն է առաջանում։ Օր չի լինի, որ հետը մի նոր սարսափելի բան չբերի։

Կապրալը, որ զինվորական ծառայությունից առաջ եղել էր․․․ էշ, այնուամենայնիվ հասկացավ, որ իրեն ձեռք են առնում։ Նա հեռացավ ձերբակալվածներից և առաջ շարժվեց պահակախմբի գլուխն անցած։

Նրանք արդեն մոտենում էին կայարանին, որտեղ բուդեյովցիների բազմություններ էին հավաքվել իրենց գնդին հրաժեշտ տալու համար։

Չնայած որ հրաժեշտը պաշտոնական ցույցի բնույթ չէր կրում, կայարանի առջևի հրապարակը լեփ-լեցուն էր զորքի գալուն սպասող մարդկանցով։

Շվեյկի ուշադրությունն ամբողջովին կենտրոնացավ երթի երկու կողքերին կանգնած թամաշաչիների վրա։ Եվ ինչպես միշտ, այս անգամ էլ օրինակելի զինվորները քայլում էին հետևից, իսկ պահակախմբի հսկողության տակ գտնվողները՝ առջևից։ Օրինակելի զինվորներին կխցկեն հորթատար վագոնները, իսկ Շվեյկին ու հոժարականին կնստեցնեն կալանավորական հատուկ վագոն, որը զինվորական գնացքներին կցում են շտաբի վագոններից անմիջապես հետո։ Կալանավորական վագոնում միշտ էլ ինչքան ասեք ազատ տեղ է լինում։

Շվեյկը չդիմացավ և գլխարկը թափահարելով ու բազմությանը դիմելով՝ գոռաց.

— Նազդա՛ր։

Դա շատ ուժեղ ներգործություն ունեցավ, և ամբոխը միաբերան կրկնեց այդ ողջույնը։

— Նազդար,— թնդաց հրապարակով մեկ և փոթորկաց կայարանի առաջ։

Հեռվում, առջևի շարքերում, մարդիկ ձայն-ձայնի տվին.

— Գալիս են։

Պահակախմբի պետը բոլորովին գլուխը կորցրեց և Շվեյկի վրա գոռաց, որ ձայնը կտրի։ Սակայն ողջույնի աղմուկն աճում էր սարից գլորվող ձնագնդի պես։ Ժանդարմները հրելով ետ էին մղում բազմությունը և պահակախմբի համար ճանապարհ բացում։ Իսկ բազմությունը շարունակում էր «նազդար» բղավել և գլխարկները թափահարել։

Դա իսկական ցույց էր։ Կայարանի դիմաց գտնվող հյուրանոցի լուսամուտներից ինչ-որ տիկիններ թափահարում էին թաշկինակներն ու բղավում․

― Heil!

Բազմության մեջ «նազդար»-ին խառնվեցին «heil» բացականչությունները։ Մի ինչ-որ էնտուզիաստի, որն այդ հանգամանքից օգտվելով բացականչեց. «Nieder mit»[55] ոտք գցեցին և ոտնահարեցին դիտմամբ սարքված հրմշտոցի մեջ։

— Գալի՜ս են,— էլեկտրական հոսանքի պես անցնում էր բազմության միջով և գնում ավելի ու ավելի հեռուն։

Երթը մոտենում էր։ Շվեյկը պահակախմբի սվինների արանքից ձեռքը թափահարելով՝ սիրալիր ողջունում էր բազմությանը։ Հոժարականը լուրջ դեմքով պատիվ էր տալիս։

Նրանք մտան կայարան և մոտեցան արդեն պատրաստ կանգնած զինվորական գնացքին։ Հրաձգային գնդի նվագախումբը քիչ էր մնում նրանց դիմավորեր «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնը թնդացնելով, քանի որ կապելմեյստրն անսպասելի ցույցից իրեն կորցրել էր։ Բարեբախտաբար, հենց այդ ժամանակ իր սև կոտելոկով վրա հասավ Յոթերորդ հեծյալ դիվիզիայի օբերֆելդկուրատ պատեր Լացինան և սկսեց կարգ հաստատել։

Նրա այդտեղ ընկնելու պատմությունը շատ պարզ էր։

Պատեր Լացինան, բոլոր սպայական ճաշարանների այդ պատուհասը, անկուշտ որկրամոլն ու հարբեցողը, դրանից մի օր առաջ եկել էր Բուդեյովիցի և պատահմունքի բերումով մասնակից դարձել մեկնող գնդի սպաների փոքրիկ բանկետին։ Տասը մարդու չափ խմելուց և ուտելուց հետո, նա ավելի կամ պակաս հարբած վիճակում մտել էր սպայական խոհանոցը՝ խոհարարներից ճաշերի մնացորդներ մուրալու։ Այնտեղ կլլել էր մի քանի աման սոուս ու կնեդլիկ և կատվի պես լափլիզել բոլոր ոսկորները։ Մառանում վրա պրծնելով ռոմին, լակել էր փսխելու աստիճան, ապա վերստին գնացել հրաժեշտի երեկույթին, ու նորից թունդ խմել։

Այդ գործում նա հարուստ փորձ ուներ, և Յոթերորդ հեծյալ դիվիզիայի սպաները միշտ ստիպված էին լինում նրա փոխարեն վճարել։

Հաջորդ օրն առավոտյան նրա խելքին փչել էր կարգ հաստատել գնդի առաջին էշելոններն ուղարկելու ժամանակ։ Այդ նպատակով նա հետ ու առաջ էր նետվում զորաշարերի երկայնքով և կայարանում այնպիսի բուռն եռանդ ցուցաբերում, որ էշելոնների ուղարկումը ղեկավարող սպաները նրանից փախել ու թաքնվել էին կայարանապետի գրասենյակում։

Նա կայարանի առաջ հայտնվեց ճիշտ ժամանակին, հենց այն պահին, երբ կապելմեյստերը արդեն ձեռքը շարժում էր, որ նշան տար սկսելու «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնը։

― Halt[56],— գոռաց օբեր-ֆելդկուրատը, նրա ձեռքից խլելով դիրիժյորական փայտիկը։— Դեռ շուտ է։ Ես նշան կանեմ։ Իսկ հիմա ruht![57] Ես հիմա կգամ։

Դրանից հետո նա գնաց կայարան, սկսեց վազել պահակախմբի հետևից և «halt» գոռալով կանգնեցրեց խումբը։

— Այդ ո՞ւր,― խստորեն հարցրեց նա կապրալին, որն արդեն բոլորովին գլուխը կորցրել էր և չգիտեր ինչ աներ։

Նրա փոխարեն բարեհոգաբար պատասխանեց Շվեյկը․

— Մեզ տանում են Բրուկ, պարոն օբեր-ֆելդկուրատ։ Եթե ուզում եք, կարող եք մեզ հետ մեկնել։

— Եվ կմեկնեմ,— հայտարարեց պատեր Լացինան և, շրջվելով դեպի ուղեկցորդները, գոռաց.— Ո՞վ է ասում, որ ես չեմ կարող մեկնել, Vorwärts! Marsch![58]։

Հայտնվելով կալանավորական վագոնում, օբեր-ֆելդկուրատը պառկեց նստարանի վրա, իսկ բարեսիրտ Շվեյկը հանեց իր շինելն ու դրեց պատեր Լացինայի գլխի տակ։

Հոժարականը դիմելով վախեցած կապրալին՝ կիսաձայն ասաց․

— Օբեր-ֆելդկուրատների նկատմամբ պետք է հոգատար լինել։

Հարմար տեղավորվելով նստարանի վրա, պատեր Լացինան սկսեց բացատրել.

— Սունկի ռագույի մեջ ինչքան շատ սունկ գցեն, պարոնայք այնքան համեղ կլինի։ Բայց, նախքան այդ, անպայման անհրաժեշտ է սունկը սոխի հետ տապակել և միայն դրանից հետո մեջը դափնետերև ու սոխ գցել։

— Բայց դուք արդեն բարեհաճեցեք սոխն ավելի շուտ գցել,— մեջ մտավ հոժարականը։

Այդ խոսքի վրա կապրալը հոժարականին նայեց մի վհատալից հայացքով, քանի որ նրա համար պատեր Լացինան, որքան էլ որ հարբած, այնուամենայնիվ պետ էր։

Կապրալի վիճակն իսկապես հուսահատական էր։

— Պարոն օբեր-ֆելդկուրատն անկասկած իրավացի է,— քահանային պաշտպանեց Շվեյկը։— Սոխն ինչքան շատ լինի, այնքան լավ։ Պակոմերժիցիում ապրող մի գարեջրագործ գարեջրի մեջ միշտ սոխ էր գցում, որովհետև, ասում են, սոխը ծարավ է առաջացնում։ Առհասարակ սոխը շատ օգտակար բան է։ Չիբանի վրա էլ խաշած սոխ են դնում։

Պատեր Լացինան շարունակում էր քրթմնջալ, ինչպես քնի մեջ.

— Ամեն ինչ կախված է արմատիքից, այն բանից, թե ինչպիսի և ինչքան արմատիք կգցվի մեջը։ Բայց հարկավոր է չափից շատ չպղպեղել, չը․․․— նա խոսում էր ավելի ու ավելի կամաց,— չմեխակել, չլիմոնել, չարմատիքել, չմուսկա…

Նա խոսքը չավարտեց և քնեց, խռմփացնելով և մեջընդմեջ շվացնելով։

Կապրալը քարացածի պես հայացքը սևեռեց նրա վրա։ Ուղեկցորդները կամացուկ ծիծաղում էին։

— Շուտ չի արթնանա,— ասաց Շվեյկը։— Լա՛վ է կոնծել։ Կապրալը, վախեցած, ձեռքը թափ տվեց նրա վրա, որ լռի։

― Ի՞նչ է որ,— շարունակեց Շվեյկը,— թունդ հարբած է, և ուրիշ ոչինչ։ Եվ դեռ կապիտանի աստիճա՜ն ունի։ Այդ ֆելդկուրատների համար, ինչ աստիճան էլ որ նրանք ունենա, կարծես աստծու կողմից այդպես է սահմանված, ամեն առիթով խմում են խելքները կորցնելու չափ։ Ես ծառայում էի ֆելդկուրատ Կացի մոտ, որը կարող էր իր սեփական քիթն էլ խմել։ Նա հո միայն այսպիսի բաներ չէր անում։ Ես և նա խմեցինք մասնատուփը, և երևի տեր աստծուն էլ կխմեինք, եթե մեզ դրա դիմաց մի քոռ գրոշ տային։

Շվեյկը մոտեցավ պատեր Լացինային, նրան շրջեց դեպի պատը և գիտակ մարդու տեսքով ասաց․

— Մրափելու է մինչև Բրուկ․․․— և տարաբախտ կապրալի հուսահատական հայացքի ներքո վերադարձավ ու նստեց իր տեղը։

— Հարկավոր է գնալ հայտնել,— քրթմնջաց կապրալը։

— Ստիպված պիտի լինեք այդ բանը չանել,— ասաց հոժարականը։— Դուք պահակախմբի պետ եք և մեզ թողնելու և գնալու իրավունք չունեք։ Բացի դրանից, ըստ կանոնագրքի, դուք իրավունք չունեք ուղեկցորդներից որևէ մեկին ուղարկելու զեկույցի, քանի որ նրան փոխարինող չունեք։ Ինչպես տեսնում եք, շատ ծանր կացություն է։ Չեք էլ կարող օդի մեջ կրակել, որ մեկնումեկը վազի ու գա, քանի որ այստեղ ոչ մի բան չի պատահել։ Իսկ, մյուս կողմից, հրաման կա, որ կալանավորական վագոնում կալանավորներից ու պահակախմբից բացի ոչ ոք չպետք է լինի։ Կողմնակի անձանց մուտքն այստեղ արգելված է։ Իսկ եթե դուք ցանկանայիք ձեր զանցանքի հետքերը վերացնել և գնացքը շարժվելու ժամանակ օբեր-ֆելդկուրատին աննկատելիորեն վագոնից դուրս գցել, ապա դրանից էլ բան դուրս չէր գա, քանի որ այստեղ վկաներ կան, որոնք տեսել են, որ դուք նրան թույլ եք տվել մտնել մի վագոն, որտեղ նա իրավունք չունի գտնվելու։ Այո՛, պարոն կապրալ, դրանից ոչ այլ ինչի, եթե ոչ աստիճանազրկման հոտ է գալիս։

Կապրալն անվճռականորեն սկսեց առարկել, թե իբր դաշտային ավագ քահանային ինքը չի ներս թողել, այլ նա ինքն է միացել իրենց, և թե ֆելդկուրատն ինչքան չլինի պետ է։

— Այստեղ միայն մի պետ կա, և դա դուք եք,— անհողդողդ ասաց հոժարականը, իսկ Շվեյկն ավելացրեց.

— Եթե նույնիսկ ինքը՝ թագավոր կայսրը ցանկանար մեզ միանալ, դուք իրավունք չունեիք թույլ տալու։ Դա նույնն է, թե տեսչություն անող սպան մոտենա պահակակետում կանգնած նորակոչիկին և նրան խնդրի գնալ սիգարետ գնելու, իսկ վերջինս դեռ հարցնի էլ, թե արդյոք ի՞նչ տեսակի սիգարետ բերի։ Այդպիսի բաների համար ծակն են կոխում։

Կապրալը վախվխելով առարկեց, թե իբր առաջինը Շվեյկն էր օբեր-ֆելդկուրատին ասել, թե նա կարող է իրենց հետ գնալ։

— Ես կարող եմ նման բան անել, պարոն կապրալ,— պատասխանեց Շվեյկը,— որովհետև ես ապուշ եմ, բայց ձեզնից բնավ չէր կարելի այդպիսի բան սպասել։

— Վաղո՞ւց եք գերաժամկետ ծառայության մեջ,— իբր թե հենց այնպես հարցրեց կապրալին հոժարականը։

— Երրորդ տարին է։ Հիմա ինձ պետք է դասակապետի աստիճան շնորհեն։

— Դրա վրա կարող եք խաչ քաշել,— ցինիկաբար ասաց հոժարականը։— Ես արդեն ասացի, որ դրանից աստիճանազրկման հոտ է գալիս։

— Վերջ ի վերջո միևնույնն է,— մեջ մտավ Շվեյկը,— թե քեզ որպես ինչ սպանեն, որպես դասակապե՞տ թե շարքային։ Ճիշտ է, ասում են, որ աստիճանազրկվածներին ամենաառաջին շարքերն են խցկում։

Օբեր-ֆելդկուրատն սկսեց շարժվել։

— Մրափում է,— հայտարարեց Շվեյկը, հավաստիանալով, որ նրան ոչինչ չի պատահել։— Երևի երազում ուտելու բան է տեսել։ Միայն թե վախենում եմ, որ չլինի թե այստեղ նրան մի բան պատահի։ Իմ ֆելդկուրատ Կացն էլ, հենց որ լակած էր լինում, սրա պես քնի մեջ ոչինչ չէր զգում։ Մի անգամ, պատկերացրեք…

Եվ Շվեյկն սկսեց պատմել մի դեպք, որ տեղի էր ունեցել ֆելդկուրատ Օտտո Կացի մոտ իր ծառայած ժամանակ, ըստ որում պատմում էր այնպիսի հետաքրքիր մանրամասներով, որ ոչ ոք չնկատեց, թե գնացքն ինչպես շարժվեց։

Շվեյկի պատմությունն ընդհատեց մի ոռնոց, որ լսվում էր հետևի վագոններից։ Տասներկուերորդ վաշտը, որ կազմված էր բացառապես կրումլովցի և կաշպերցի գերմանացիներից, ղռվռալով երգում էր.

Wann ich kumm, wann ich kumm,
Wann ich wieda, wieda kumm[59].

Մի ուրիշ վագոնում ինչ-որ մեկը հուսահատ մղկտում էր, իր մղկտոցն ուղղելով հեռացող Բուդեյովիցիին․

Und du, mein Schatz,
Bleibs hier.
Holario, holo![60]

Դա այնպիսի զարհուրելի ոռնոց էր, որ նրա ընկերները չդիմացան և նրան հետ քաշեցին հորթատար վագոնի բաց դռնակից։

— Զարմանալի է, որ դեռ մինչև հիմա ստուգման չեն եկել այստեղ,— ասաց կապրալին հոժարականը։— համաձայն հրահանգի, դուք դեռևս կայարանում գնացքի պարետին պետք է զեկուցեիք մեր մասին, և ոչ թե ամեն տեսակ հարբած օբեր-ֆելդկուրատների նազը քաշեիք։

Թշվառ կապրալը համառորեն լռում էր ու նայում փախչող հեռագրասյուներին։

— Երբ մտածում եմ, որ մեզանից ոչ մեկի մասին չեն զեկուցել,— շարունակեց նենգամիտ հոժարականը,— և որ առաջին իսկ կայարանում գնացքի պարետն անպայման ներս կխցկվի մեր վագոնը, արյունս եռ է գալիս։ Կարծես թե մենք ինչ որ…

— Գնչուներ կամ շրջմոլիկներ ենք,— շարունակեց Շվեյկը։— Դուրս է գալիս, որ մենք աստծու տված լույսից վախենում ենք, և ոչ մի տեղ չենք երևում, որպեսզի չձերբակալեն։

— Բացի դրանից,― ասաց հոժարականը,― ըստ 1879 թվականի նոյեմբերի 21-ի կարգադրության, զինվորական կալանավորներին երկաթուղով տեղափոխելիս պետք է պահպանել հետևյալ կանոնները. առաջին, կալանավորական վագոնը պետք է ունենա ձողավանդակներ,— դա միանգամայն հասկանալի է, և տվյալ դեպքում առաջին կանոնը պահպանված է, մենք գտնվում ենք միանգամայն ամուր վանդակաձողերի հետևում։ Դա, ուրեմն, կարգին է։ Երկրորդ, ի լրումն 1879 թվականի նոյեմբերի 21-ի կայսրական-թագավորական կարգադրության, կալանավորական վագոնը պետք է ունենա արտաքնոց։ Եթե այդպիսին չկա, ապա անհրաժեշտ է վագոնն ապահովել կափարիչավոր ամանով, որպեսզի կալանավորներն ու նրանց ուղեկցող պահակախումբը կարողանան հոգալ իրենց բնական մեծ ու փոքր պահանջները։ Տվյալ դեպքում արտաքնոց ունեցող կալանավորական վագոնի մասին խոսք լինել չի կարող․ մենք գտնվում ենք պարզապես մեկուսացված, ամբողջ աշխարհից կտրված մի կուպեում։ Եվ, այդ բոլորից բացի, այստեղ չկա ասածս ամանը։

— Կարող եք լուսամատից անել,— միանգամայն վհատված ասաց կապրալը։

— Դուք մոռանում եք,— ասաց Շվեյկը,— որ կալանավորներին արգելված է լուսամուտին մոտենալ։

— Երրորդ,— շարունակեց հոժարականը,— վագոնը պետք է ունենա խմելու ջրի աման։ Այդ մասին էլ հոգ չեք տարել Apropos![61] Ո՞ր կայարանումն են ճաշ տալու։ Չե՞ք իմանում։ Էհ, այդպես էլ գիտեի։ Այդ էլ չեք հարցրել։

— Այ, տեսնում եք, պարոն կապրալ,— հարեց Շվեյկը,— կալանավոր տեղափոխելը հանաք բան չէ։ Մեր մասին պետք է հոգալ։ Պետք է ամեն ինչ մեզ պատրաստի հրամցնել։ Դրա համար հրահանգներ ու պարագրաֆներ կան, որոնք պետք է կատարվեն, այլապես ոչ մի կարգուկանոն չէր լինի։ «Ձերբակալված մարդն ու բարուրած երեխան մի բան են,— ինչպես ինձ ասում էր մի ծանոթ շրջմոլիկ,— նրան պետք է խնամել, որ չմրսի, չհուզվի, իր վիճակից գոհ լինի, և որ խեղճին ոչ ոք նեղություն չտա․․․»։ Ի դեպ,— ասաց Շվեյկը, բարյացակամորեն նայելով կապրալին,— երբ ժամը տասնմեկը լինի, բարի եղեք ինձ իմաց անել։

Կապրալը հարցականորեն նայեց Շվեյկին։

— Դուք երևի ուզում եք հարցնել, պարոն կապրալ, թե ինչո՞ւ ժամը տասնմեկին ինձ պիտի նախազգուշացնեք։ Բանն այն է, պարոն կապրալ, որ ժամը տասնմեկից սկսած ես պետք է գտնվեմ հորթատար վագոնում,— հանդիսավորապես հայտարարեց Շվեյկը։—Գնդային զեկույցի ժամանակ ինձ դատապարտեցին երեք օրվա կալանքի։ ժամը տասնմեկին ես անցա պատիժս կրելու և այսօր ժամը տասնմեկին պետք է ազատվեմ։ ժամը տասնմեկից հետո ես այստեղ անելիք չունեմ։ Ոչ մի զինվոր չի կարող կալանքի տակ մնալ ավելի, քան նրա համար սահմանված է, որովհետև զինվորական ծառայության մեջ նախ և առաջ կարգուկանոն ու կարգապահություն պետք է լինի, պարոն կապրալ։

Այդ հարվածից հետո թշվառ կապրալը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ։ Վերջապես նա առարկեց, թե ոչ մի պաշտոնական գրություն չի ստացել։

— Սիրելի պարոն կապրալ,— ասաց հոժարականը,— գրավոր կարգադրություններն իրենց ոտքով չեն գալիս պահակախմբի պետի մոտ։ Եթե լեռը չի գնում Մուհամեդի մոտ, ապա պահակախմբի պետը պարտավոր է ինքը գնալ կարգադրությունները բերելու։ Ներկա պահին դուք անելանելի դրության մեջ եք։ Մի կողմից, բացարձակապես ոչ մի իրավունք չունեք ժամկետից ավելի երկար պահելու որևէ մեկին, որ պետք է ազատ արձակվի։ Մյուս կողմից, գործող հրամանների համաձայն ոչ ոք իրավունք չունի կալանավորական վագոնից հեռանալու։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե դուք ինչպես պիտի դուրս գաք այդ նողկալի դրությունից։ Քանի գնա, դրությունն ավելի կվատանա։ Հիմա տասն անց է կես։

Հոժարականը ժամացույցը դրեց գրպանը։

— Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ պիտի անեք կես ժամից հետո, պարոն կապրալ։

— Կես ժամից հետո ես պետք է գտնվեմ հորթատար վագոնում,— երազանքով ասաց Շվեյկը։

Ջախջախված ու իրեն կորցրած կապրալը դիմեց նրան.

— Եթե դա ձեզ համար մեծ դեր չի խաղում… Ինձ թվում է, այստեղ շատ ավելի հարմար է, քան հորթերի վագոնում։ Ինձ թվում է…

Նրան ընդհատեց օբեր-ֆելդկուրատը, որ քնի մեջ բղավեց․

— Ավելի՛ շատ սոուս։

— Քնի՛ր, քնի՛ր,— քնքշաբար ասաց Շվեյկը, նրա գլխի տակ դնելով նստարանի վրայից կախված շինելի փեշը։— Ցանկանում եմ երազումդ լավ-լավ բաներ լափես։

Հոժարականն սկսեց երգել.

Քնի՛ր, մանկիկ, քնի՛ր,
Աչիկներըդ փակիր.
Աստված քեզ հետ նանիկ կանի,
Հրեշտակը քեզ մեղմ կօրորի,
Քնի՛ր, մանկիկ, քնի՛ր…

Թշվառ կապրալն արդեն ոչ մի բանի չէր անդրադառնում։ Նա բութ հայացքով նայում էր լուսամուտից և կատարյալ ազատություն էր տվել կալանավորական կուպեում ծայր առած կազմալուծմանը։ Պահակախմբի զինվորները միջնորմի մոտ «միջուկ» էին խաղում, և տարվողների հետույքներին իջնում էին մյուսների բարեխիղճ ու ծանրակշիռ հարվածները։ Երբ կապրալը շրջվեց, հանդգնորեն ուղիղ նրան էր նայում զինվորի մի հետույք։ Կապրալն հառաչեց ու նորից շրջվեց դեպի լուսամուտը։

Հոժարականը մի րոպե մտածմունքի մեջ ընկավ և ապա դիմեց վհատված կապրալին․

— Երբևէ կարդացե՞լ եք «Կենդանիների աշխարհ» ժուռնալը։

— Մեր գյուղում այդ ժուռնալին բաժանորդագրվել էր պան պանդոկապետը,— պատասխանեց կապրալը, ակնհայտորեն գոհ, որ խոսակցությունն այլ ընթացք է ստանում։— Նա սանյան այծերի թունդ սիրահար էր, բայց նրա բոլոր այծերը սատկում էին, դրա համար էլ այդ ժուռնալից խորհուրդ էր հարցնում։

— Սիրելի բարեկամ,— ասաց հոժարականը,— այն պատմությունը, որ ես հիմա կանեմ ձեզ համար, ամենայն ակներևությամբ ձեզ ցույց կտա, որ մարդ ասածը սխալական է։ Պարոնա՛յք, ես համոզված եմ, որ դուք կդադարեք «միջուկ» խաղալուց, քանզի այն, ինչ հիմա պիտի պատմեմ, ձեզ շատ հետաքրքրական պիտի թվա, թեկուզ հենց այն պատճառով, որ դուք մասնագիտական շատ տերմիններ չեք հասկանա։ Ես ձեզ մի պատմություն կանեմ «Կենդանիների աշխարհ»-ի մասին, որը ձեզ կօգնի մոռանալ ներկայիս պատերազմի անհաջողությունները։

Թե ինչպես իր ժամանակին ես դարձա «Կենդանիների աշխարհ»-ի, այդ հույժ հետաքրքիր ժուռնալի խմբագիր, երկար ժամանակ անլուծելի հանելուկ էր նույնիսկ ինձ համար։ Հետո եկա այն եզրակացության, որ ես այդպիսի բան կարող էի անել միայն միանգամայն անմեղսագիտակ վիճակում։ Ինձ այդպես հեռու տարան այն բարեկամական զգացմունքները, որ ես տածում էի իմ մի վաղեմի ընկերոջ՝ Հայեկի նկատմամբ։ Հայեկը բարեխղճորեն խմբագրում էր այդ ժուռնալը, քանի դեռ չէր սիրահարվել նրա հրատարակիչ Ֆուքսի աղջկան։ Ֆուքսը Հայեկին անմիջապես վռնդեց պաշտոնից և նրան պատվիրեց ժուռնալի համար մի կարգին խմբագիր գտնել։

Ինչպես տեսնում եք, այն ժամանակ աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու բավական տարօրինակ պայմաններ կային։

Երբ իմ ընկեր Հայեկը ինձ ներկայացրեց հրատարակչին, վերջինս ինձ ընդունեց շատ սիրալիր և հարցրեց, թե արդյոք կենդանիների մասին որևէ հասկացողություն ունե՞մ։ Իմ տված պատասխանից նա շատ գոհ մնաց։ Ասածիս իմաստն այն էր, թե ես միշտ հարգել եմ կենդանիներին և նրանց համարել միայն անցման մի աստիճան դեպի մարդ արարածը, թե, եթե հարցին մոտենանք կենդանիներին հովանավորելու տեսակետից, ես մի առանձին սիրով ուշադրության եմ առել նրանց կարիքներն ու ձգտումները։ Յուրաքանչյուր կենդանի միայն մի բան է ցանկանում, այն, որ ուտելուց առաջ որքան կարելի է նրան անցավ մեռցնեն։ Օրինակ, ծածան ձուկը իր ծնվելու օրից պահպանում է այն արմատացած կարծիքը, թե խոհարարուհին շատ վատ բան է անում, որ ողջ-ողջ պատռում է նրա փորը։ Մյուս կողմից, վերցնենք աքաղաղների գլուխները կտրելու սովորությունը։ Կենդանիներին հովանավորող ընկերությունն ամեն կերպ պայքարում է, որ թռչուններին անփորձ ձեռքով չմորթեն։ Տապակած սաղմոնների ջղաձիգ պոզաները շատ լավ ցույց են տալիս, որ, մեռնելով, նրանք բողոքում են այն բանի դեմ, որ իրենց ողջ-ողջ տապակում են մարգարինով։ Ինչ վերաբերում է հնդկահավերին…

Այստեղ հրատարակիչն իմ խոսքն ընդհատեց ու հարցրեց, թե արդյոք ես ծանո՞թ եմ թռչնաբուծությանը, շնաբուծությանը, ճագարաբուծությանը, մեղվաբուծությանը, առհասարակ՝ կենդանիների կյանքին իր ողջ բազմազանությամբ, կարո՞ղ եմ արդյոք ընդօրինակելու համար ուրիշ ժուռնալներից նկարներ կտրատել, արտասահմանյան ժուռնալներից թարգմանել կենդանիներին վերաբերող մասնագիտական հոդվածներ, կարողանո՞ւմ եմ օգտվել Բրեմից և արդյոք կարո՞ղ եմ կենդանիների կյանքից խմբագրականներ գրել՝ հարմարեցնելով կաթոլիկական տոմարին, եղանակի փոփոխություններին, ձիարշավներին, ոստիկանական շների վարժեցմանը, ազգային ու եկեղեցական տոներին, կարճ ասած՝ արդյոք ժուռնալիստական մտահորիզոն և ընդունակություն ունե՞մ արդի մոմենտը կարճ, բայց բովանդակալից առաջնորդող հոդվածով ներկայացնելու համար։

Ես ասացի, թե վաղուց խորհել ու մշակել եմ «Կենդանիների աշխարհ»-ի նման մի ժուռնալ վարելու պլանը և թե լիովին կարող եմ հանձն առնել նախատեսված բոլոր բաժիններն ու սյունակները, քանի որ օժտված եմ հիշյալ բնագավառների համար անհրաժեշտ բոլոր տվյալներով ու գիտելիքներով։ Իմ ձգտումը կլինի ժուռնալը հասցնել աննախընթաց բարձրության, այն վերակառուցելով թե՛ ըստ ձևի և թե՛ ըստ բովանդակության։ Ապա ասացի, թե մտադիր եմ ստեղծել նոր բաժիններ, օրինակ՝ «Գազանների հումորի անկյուն», «Կենդանիները կենդանիների մասին» (հարմարացնելով, իհարկե, քաղաքական մոմենտին), և ընթերցողներին հրամցնել սյուրպրիզ սյուրպրիզի հետևից, որպեսզի զանազան կենդանիների նկարագրությունը կարդալիս չկարողանան ուշքի գալ։ «Գազանային խրոնիկա» բաժինը կհաջորդի ընտանի կենդանիների պրոբլեմը լուծելու նոր ծրագրին և «Շարժում անասունների մեջ» բաժնին։

Հրատարակիչը նորից ընդհատեց խոսքս և ասաց, թե դա միանգամայն բավական է, և եթե ինձ հաջողվի թեկուզ դրա կեսը անել նա ինձ կնվիրի մի զույգ թզուկ վիանդուրահավ, որոնք ընտանի թռչունների Բեռլինի վերջին ցուցահանդեսում շահել են առաջին մրցանակ, և որոնց տերը գերազանց զուգավորման համար արժանացել է ոսկե մեդալի։

Կարող եմ ասել, որ ջանում էի ուժերիս ու կարողություններիս ներածին չափ և կատարում էի իմ «կառավարական» ծրագիրը, այդ գործին ի սպաս դնելով բոլոր ընդունակություններս։ Դեռ ավելին, ես նույնիսկ տեսա, որ իմ հոդվածներով ինքս ինձ գերազանցում եմ։

Ցանկանալով ընթերցողին որևէ նոր ու անսպասելի բան հրամցնել, ես ինքս կենդանիներ էի հնարում։ Ելնում էի այն սկզբունքից, թե, օրինակ, փիղը, վագրը, առյուծը, կապիկը, խլուրդը, ձին, խոզը և, այլն, և այլն, վաղուց ի վեր շատ լավ հայտնի են «Կենդանիների աշխարհ»-ի յուրաքանչյուր ընթերցողի և թե անհրաժեշտ է ընթերցողի հետաքրքրությունը շարժել որևէ նոր բանով, որևէ հայտնագործությամբ։ Փորձի համար հրապարակ հանեցի «ծծմբական կետը»։ Կետի այդ նոր տեսակը իր մեծությամբ ձողաձկան չափ էր և ուներ մրջնաթթվով լցված մի փուչիկ ու առանձնահատուկ կառուցվածքի կոյանցք, Որտեղից պայթյունով բաց էր թողնում մի տեսակ թթվուտ, որը շշմեցնող ազդեցություն էր ունենում այն մանր ձկնիկների վրա, որոնց նա խժռում էր։ Հետագայում մի անգլիացի գիտնական (չեմ հիշում, թե նրա համար այն ժամանակ ինչ ազգանուն էի հնարել) այդ թթվուտն անվանել է «կետաթթու»։ Կետի ճարպը բոլորին հայտնի էր, բայց կետի թթվուտը հետաքրքրություն առաջացրեց, և մի քանի ընթերցողներ խմբագրությանը հարցում արին, թե ո՞ր ֆիրման է մշակում այդ թթվուտը։

Համարձակվում եմ ձեզ հավաստիացնել, որ «Կենդանիների աշխարհ»-ի ընթերցողներն առհասարակ շատ հետաքրքրասեր են։

Ծծմբական կետից հետո հայտնագործեցի մի շարք այլ զարմանահրաշ գազաններ։ հիշատակեմ թեկուզ «խարդախաբլագունը», որ կենգուրուի ընտանիքին պատկանող կաթնասուն է. «ուտելացուլը», որ մեր կովի նախատիպն է, և «կոլյուսկային ինֆուզորիան», որին ես մտցրել էի կրծողների ընտանիքի մեջ։ Ամեն օր դրանց ավելացնում էի նորանոր կենդանիներ։ Ինքս էլ զարմացած էի այդ բնագավառում ունեցած հաջողություններիս վրա։ Առաջ երբևէ մտքովս չէր անցել, որ ֆաունան լրացնելու այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել։ Երբեք չէի ենթադրել, թե Բրեմը իր «Կենդանիների կյանքը» աշխատության մեջ կարող էր այդքան կենդանիներ բաց թողնել։ Արդյոք Բրեմը, և նրա հետևորդները ծանո՞թ էին Իսլանդիա կղզում ապրող իմ մեծաչղջիկին, այսպես կոչված «անդրծովյան մեծաչղջիկին», կամ Կիլիմանջարո լեռան գագաթին ապրող իմ ընտանի կատվին, որ կոչվում է «դյուրագրգիռ եղջերուի նախապապ»։ Մի՞թե բնագետներից մեկն ու մեկը մինչ այդ որևէ գաղափար ունեցել էր «ինժեներ Կունի լվի» մասին, որին ես գտա սաթի մեջ և որը բոլորովին կույր էր, քանի որ ապրել էր նախապատմական խլուրդի վրա, որը նույնպես կույր է եղել, որովհետև նրա տատը, ինչպես ես գրել էի իմ հոդվածում, զուգավորվել էր «քարանձավային մացարատի» հետ, որ ապրել է Պոստոնյան քարանձավում, որն այն դարաշրջանում տարածվելիս է եղել մինչև այժմյան Բալթիկ օվկիանոսը։

Այդ, ըստ էության աննշան, առիթով, «Ժամանակ» և «Չեխ» թերթերի միջև մեծ բանավեճ ծագեց։ «Չեխ»-ը «Դեսից դենից» խորագրի տակ զետեղած իր ֆելիետոնում մեջբերումներ անելով հայանագործածս լվի մասին իմ գրած հոդվածից, եզրակացրել էր, թե «Աստված ինչ որ անում, լավ է անում»։ «Ժամանակ»-ը, բնականաբար, միանգամայն ռեալիստորեն կետ առ կետ ջախջախել էր իմ լուն, արժանին հատուցելով և բարեկրոն «Չեխ»-ին։ Ըստ երևույթին այդ օրվանից մի ամբողջ շարք արարածներ հայտնազործած գյուտարար-բնագետիս աստղը թեքվեց դեպի մայրամուտ։ «Կենդանիների աշխարհ»-ի բաժանորդներն սկսեցին դժգոհություն արտահայտել։ Այդ դժգոհությանը առիթ էին տվել մեղվաբուծության ու թռչնաբուծության մասին գրածս փոքրիկ հոդվածները։ Այդ հոդվածներում զարգացրել էի մի քանի նոր, սեփական տեսություններ, որոնք ուղղակի խուճապ առաջացրին, քանի որ ընթերցողներին իմ տված մի քանի շատ հասարակ խորհուրդներից հետո հայտնի մեղվաբույծ Պազոուրեկը կաթվածահար եղավ, իսկ Շումանում և Կրկոնոշեի նախալեռնային շրջանում բոլոր մեղուները կոտորվեցին։ Ընտանի թռչունները ժանտախտ ընկան, մի խոսքով, ամենուրեք բոլորը սատկեցին։ Բաժանորդներն սպառնալից նամակներ էին ուղարկում։ Հրաժարվում էին բաժանորդագրությունից։ Այն ժամանակ ես վրա պրծա թռչուններին։ Մինչև հիմա էլ շատ լավ հիշում եմ իմ ընդհարումը «Գյուղական տեսության» խմբագրի, կղերական դեպուտատ Յոզեֆ Մ․ Կադլչակի հետ։ Սկսվեց այն բանից, որ ես անգլիական «Country Life»[62] ժուռնալից կտրել էի ընկուզենու վրա թառած ինչ-որ թռչունի նկար։ Ես այդ թռչունն անվանել էի «ընկուզենահավ», ճիշտ այնպես, ինչպես առանց տատանվելու արջածառի վրա նստած թռչունը կանվանեի «արջածառահավ»։ Շիլաշփոթ ստեղծվեց։ Կադլչակը մի բաց նամակով հարձակվեց ինձ վրա, պնդելով, թե այդ թռչունը կոչվում է «սոյկա», և ոչ թե «ընկուզենահավ» և թե իբր «ընկուզենահավ»-ը գերմաներեն Eichelhöher[63] բառի ստրկական թարգմանությունն է։

Ես նրան պատասխանեցի մի նամակով, որի մեջ շարադրեցի իմ ամբողջ տեսությունը «ընկուզենահավի» մասին, շարադրանքս զարդարելով բազմաթիվ հայհոյանքներով և Բրեմից մեջ բերելով մի քանի ցիտատներ, որ ինքս էի հորինել։ Դեպուտատ Կադլչակը «Գյուղական տեսության» մեջ ինձ պատասխանեց մի առաջնորդող հոդվածով։

Իմ պետ պան Ֆուքսը սովորականի պես նստած էր սրճարանում և կարդում էր տեղական թերթերը, քանի որ վերջին օրերը սկսել էր հետևել «Կենդանիների աշխարհ»-ում իմ տպագրած հետաքրքրաշարժ հոդվածների մասին գրվող հոդվածներին ու գրախոսություններին։ Երբ ես մտա սրճարան, նա գլխի շարժումով ցույց տվեց սեղանի վրա ընկած «Գյուղական տեսություն»-ը և ինչ-որ բան շշնջաց, թախծոտ աչքերով նայելով ինձ։ Վերջերս նրա աչքերը շարունակ թախծոտ էին։

Ես ամբողջ հասարակության առաջ բարձրաձայն կարդացի հետևյալը։

«Մեծարգո խմբագրություն․

Ես նկատել էի տվել, որ ձեր ժուռնալը գործածության մեջ է մտցնում կենդանաբանական մի անսովոր ու չհիմնավորված տերմինորգիա, արհամարհելով չեխերեն լեզվի մաքրությունը և հնարելով ամեն տեսակ կենդանիներ։ Ես արդեն նշել եմ, որ հանրածանոթ և անհիշելի ժամանակներից ի վեր գործածվող «սոյկա» անվան փոխարեն ձեր խմբագիրը գործածում է «ընկուզենահավ» անունը, որը հանդիսանում է գերմաներեն «Eichelhöher—սոյկա» տերմինի բառացի թարգմանությունը։»

— Սոյկա՜,— իմ հետևից հուսահատ կրկնեց հրատարակիչս։

Ես հանգիստ շարունակեցի կարդալ.

«Ի պատասխան այդ բանի ես ձեր «Կենդանիների աշխարհ» ժուռնալի խմբագրից ստացա չափազանց գռեհիկ ու հանդուգն տոնով գրված և անձնական բնույթ կրող մի նամակ։ Այդ նամակի մեջ նա ինձ անվանել է տգետ անասուն, մի վիրավորանք, որ, ինչպես հայտնի է, պատժելի է։ Կարգին մարդիկ այդպես չեն պատասխանում գիտական բնույթի դիտողություններին։ Դեռ հարց է, թե մեր երկուսից որն է ավելի մեծ անասուն։ Թերևս ես իմ առարկությունները չպետք է անեի բաց նամակով, այլ պետք է փակ նամակ գրեի։ Սակայն աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով ես կարևորություն չեմ տվել այդ աննշան հանգամանքին։ Իսկ հիմա, «Կենդանիների աշխարհի»-ի ձեր խմբագրի գյադայական հարձակումներից հետո, իմ պարտքն եմ համարում նրան գամել հասարակական անարգանքի սյունին։ Ձեր խմբագիրը չարաչար սխալվում է ինձ համարելով թերուս և տգետ անասուն, ոչ մի հասկացողություն չունենալով, թե ինչպես է կոչվում այս կամ այն թռչունը։ Ես թռչնագիտությամբ զբաղվում եմ երկար տարիներ ի վեր և իմ գիտելիքներր քաղում եմ ոչ թե մեռյալ գրքերից, այլ ուղղակի բնությունից, իմ վանդակների մեջ ունենալով ավելի շատ թռչուններ, քան իր կյանքում տեսել է ձեր խմբագիրը, որը Պրագայի գինետների ու պանդոկների սահմաններից դուրս չի գալիս։

Բայց այդ բոլորը երկրորդական բաներ են, թեև ձեր «Կենդանիների աշխարհ»-ի խմբագրի համար ավելորդ չէր լինի հավաստիանալ, թե իրենից ինչ է ներկայացնում այն մարդը, որին նա անվանում է անասուն, հավաստիանալ ավելի վաղ, քան այդ հարձակումները լույս կտեսնեին և կերևային Մորավիայի, Մերձմիստեկյան Ֆրիդլանդի ընթերցողների աչքին, վայրեր, ուր մինչև այդ հոդվածի հրապարակվելը ձեր ժուռնալն ևս բաժանորդներ ուներ։ Վերջ ի վերջո խնդիրը մի խելագարի դեմ անձնական բնույթի բանավեճ մղելու մեջ չէ, այլ այն բանի, որ վերականգնվի ճշմարտությունը։ Ուստի և մի անգամ ևս կրկնում եմ, որ անթույլատրելի է անվան բառացի թարգմանությունից ելնելով հորինել նոր անուններ, երբ մենք ունենք բոլորին հայտնի հայրենական «սոյկա» անունը։»

— Այո, սոյկա,— էլ ավելի հուսահատական ձայնով ասաց իմ պետը։

Ես շարունակում եմ հանգիստ կարդալ, թույլ չտալով ինձ ընդհատել.

«Երբ մի ոչ մասնագետ ու խուլիգան ձեռնամուխ է լինում այնպիսի գործի, որից գաղափար չունի, ապա դա նրա կողմից լկտիություն է։ Ե՞րբ է որևէ մեկը սոյկային «ընկուզենահավ» անվանել։ «Մեր թռչունները» աշխատության 148-րդ էջում կարելի է գտնել լատինական «Ganulus glandarius B. A.» անվանումը։ Դա հենց սոյկան է։

Ձեր ժուռնալի խմբագիրն անպայման պետք է ընդունի, որ ես թռչուններին գիտեմ ավելի լավ, քան կարող է գիտենալ մի մարդ, որ մասնագետ չէ։ Ընկուզենահավը, ըստ պրոֆեսոր Բայերի տերմինոլոգիայի, ոչ այլ ինչ է, եթե ոչ mucifraga carycatectes A., և այդ լատինական «A»-ն բնավ էլ «ապուշ» բառի սկզբնատառը չէ, ինչպես գրել էր ինձ ձեր խմբագիրը։ Չեխ թռչնաբանները ծանոթ են միայն սովորական սոյկային, և նրանց հայտնի չէ ձեր «ընկուզենահավ»-ը, որը հնարել է մի պարոն, որին և սազական է «A» սկզբնատառը, համաձայն իր իսկ տեսության։

Անձի դեմ ուղղված լկտի հարձակումները բնավ չեն փոխում հարցի էությունը։ Սոյկան կմնա սոյկա, եթե նույնիսկ ձեր խմբագիրն իր շալվարի մեջ իք անի։ Վերջինս մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ նամակի հեղինակը գրում է թեթևամտաբար, ոչ ըստ էության, թեկուզ և այդ բանն անելիս նա, վրդովմունք պատճառող գռեհկությամբ, վկայակոչում է Բրեմին։ Այսպես, օրինակ, այդ բռի մարդը գրում է, թե սոյկան, ըստ Բրեմի 452-րդ էջի, պատկանում է կոկորդիլոսակերպների դասին, մինչդեռ այդ էջում խոսվում է ժուլանի կամ սովորական կարմիր շամփրուկի (Lanius minor) մասին։

Դեռ ավելին, այդ, մեղմ ասած, տգետը նորից վկայակոչում է Բրեմին, հայտարարելով, թե սոյկան պատկանում է տասնհինգերորդ դասին, մինչդեռ Բրեմը ագռավակերպներին մտցնում է տասնյոթերորդ դասի մեջ, որին պատկանում են և ագռավները, կազմելով արջնագռավների ընտանիքը, ըստ որում նամակի հեղինակն այնքան լկտի է, որ ինձ ևս անվանում է արջնագռավ (Colaeus), որը պատկանում է չաչանակ կաչաղակների, կապույտ ագռավների ընտանիքին, բռի ապուշների ենթադասին, թեև Բրեմի նույն այդ էջում խոսվում է անտառային սոյկաների և խայտաբղետ կաչաղակների մասին»։

— Անտառային սոյկանե՜ր,— հառաչեց հրատարակիչս, երկու ձեռքով բռնելով գլուխը։— Հապա թերթը տվեք ինձ, շարունակությունը ես կարդամ։

Ես վախեցա, լսելով, թե ինչպես հրատարակիչս թերթը կարդալիս սկսեց խռխռացնել։

— Սնկակեր կամ տաճկական սև կեռնեխը,— խռխռացնում էր նա,— միևնույն է, չեխերեն թարգմանությամբ կմնա սև կեռնեխ, իսկ գորշ կեռնեխը՝ գորշ կեռնեխ։

— Գորշ կեռնեխը պետք է անվանել արոսահավ կամ սնձենահավ, պարոն պետ,— պնդեցի ես,— որովհետև նա սնվում է սնձենու պտուղներով։

Պան Ֆուքսը թերթը դեն շպրտեց ու մտավ բիլիարդի տակ, խռխռաձայն արտասանելով հոդվածի վերջին՝ «Turdus»[64] սնկակեր բառերը։

— Գրո՜ղը տանի սոյկային,— բղավեց նա բիլիարդի տակից։— Ընկուզենահա՜վ։ Կկծեմ։

Նրան բիլիարդի տակից հազիվ դուրս քաշեցին։ Երեք օր հետո, ընտանեկան նեղ շրջանում, նա մեռավ ուղեղի բորբոքումից։

Մեռնելուց առաջ, մտքի պայծառացման պահին, նրա վերջին խոսքն այս էր եղել․

— Ինձ համար կարևորը անձնական շահերը չեն, այլ ընղհանուր բարօրությունը։ Այդ տեսակետից էլ ընդունեցեք իմ վերջին եզրակացությունը ինչպես ըստ էության, այնպես էլ ըստ․․․— և զկռտացել էր։

Հոժարականը մի պահ լռեց, ապա չարանենգորեն ասաց կապրալին.

— Դրանով ես ուզում եմ ասել, որ ամեն մարդ կարող է անելանելի դրության մեջ ընկնել և որ մարդս սխալական է։

Այդ ամենից կապրալը միայն այն հասկացավ, որ իրեն նկատել են տալիս իր սեփական սխալները։ Նա նորից շրջվեց դեպի լուսամուտը և սկսեց մռայլված նայել, թե ճանապարհն ինչպես է հետ-հետ փախչում։ Պահակախմբի զինվորները հիմարական հայացքներով իրար էին նայում։ Այդ պատմության նկատմամբ բոլորից ավելի հետաքրքրություն ցուցաբերեց Շվեյկը։

— Չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա,— սկսեց նա։— Ամեն ինչ վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա, նույնիսկ այն, որ այդ հիմար սոյկան ընկուզենահավ չէ։ Բայց շատ հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք այդպիսի պատմության մեջ են ընկնում։ Որևէ կենդանի հնարելը հեշտ գործ չէ, բայց շատ ավելի դժվար է, որ մարդ կարողանա իր հնարած կենդանին ներկայացնել հասարակությանը։ Սրանից մի քանի տարի առաջ Պրագայում մի ոմն Մեստեկ ծովահարս էր հայտնագործել և նրան, շիրմայի հետևից, ցույց էր տալիս Վինոգրադիի Հավլիչկա փողոցում։ Շիրմայի վրա մի ծակ կար, և ամեն մարդ այդ ծակից կարող էր տեսնել կիսախավարի մեջ գտնվող մի շատ սովորական բազմոց, որի վրա պառկած էր Ժիժկովում ապրող մի աղջիկ։ Նրա ոտքերին կանաչ շղարշ էր փաթաթած, որը պետք է ներկայացներ ծովահարսի պոչ, մազերը ներկված էին կանաչ գույնով, ձեռքերին լողաթևերի նմանվող կարտոնե և, դարձյալ կանաչ, թաթմաններ կային, իսկ մեջքի երկարությամբ պարանով ղեկանման մի բան էր կապած։ Տասնվեց տարեկանից փոքր երեխաների մուտքն արգելված էր, իսկ տասնվեց տարեկանից բարձրերը՝ մուտքի համար վճարում էին, և բոլորին շատ դուր էր գալիս, որ ծովահարսը մեծ հետույք ուներ, որի վրա գրված էր «Ց’նոր տեսություն»։ Սակայն ծծերը հաջող չէին, կախված էին մինչև պորտը, ինչպես պառավ բոզի ծծեր։ Երեկոյան ժամը յոթին Մեստեկը փակում էր պանորաման ու ասում. «Ծովահա՛րս, կարող եք տուն գնալ»։ Աղջիկը շորերը փոխում էր, և գիշերվա ժամը տասին նրան արդեն կարելի էր տեսնել Թաբորսկա փողոցում, որտեղ ման էր գալիս և, իբր թե հենց այնպես, ամեն պատահած տղամարդու ասում. «Սիրունիկս, եկ գնանք քեֆ քաշենք»։ Քանի որ նա դեղին տոմս չուներ, պան Դրաշները շուրջկալի ժամանակ նրան էլ ձերբակալեց մյուս «մկնիկների» հետ, և Մեստեկը ստիպված եղավ իր խանութը փակել։

Այդ պահին օբեր-ֆելդկուրատը ցած գլորվեց նստարանի վրայից և շարունակեց քնել հատակին պառկած։ Կապրալը նրա վրա մի շվար հայացք նետեց և ընդհանուր լռության մեջ սկսեց ֆելդկուրատին քաշքշել, ցանկանալով նորից պառկեցնել նստարանի վրա։ Ոչ ոք տեղից չշարժվեց նրան օգնելու։ Երևում էր, որ կապրալը իսպառ կորցրել է իր հեղինակությունը, և երբ նա անհույս, ձայնով ասաց․

— Գոնե մեկդ օգներ…— պահակները միայն նայեցին նրան, բայց ոչ ոք տեղից չշարժվեց։

— Պետք է թողնեիք մրափեր հատակին,— ասաց Շվեյկը։— Ես իմ ֆելդկուրատի հետ այլ կերպ չէի վարվում։ Մի անգամ ես նրան թողի, որ քնի արտաքնոցում, իսկ մի ուրիշ անգամ նա քնեց պահարանի վրա։ Պատահում էր, որ քնում էր ուրիշի բնակարանում, տաշտի մեջ։ Եվ ուր ասես չէր շնթռկում։

Հանկարծ կապրալի վճռականությունը բռնեց։ Ցանկանալով ցույց տալ, թե այդտեղ ինքն իսկապես պետ է հանդիսանում, նա կոպտաբար գոռաց Շվեյկի վրա.

— Փակեցեք ձեր ռեխը և ափեղցփեղ դուրս մի տաք։ Ամեն մի սպասյակ ուր ուզում քիթը խոթում է և զահլա տանում։ Ճիճո՛ւ։

― Ճի՛շտը է։ Իսկ դուք, պարոն կապրալ, աստված եք,— պատասխանեց Շվեյկը այն փիլիսոփայի անվրդովությամբ, որը աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկությամբ կատաղի բանավեճի մեջ է մտնում։— Դուք սգացող աստվածամայր եք։

— Տե՜ր աստված,— ասաց հոժարականը, աղոթողի պես ձեռքերը կրծքին խաչելով,— մեր սրտերը լցրու սիրով բոլոր ենթասպաների նկատմամբ, որպեսզի մենք նրանց զզվանքով չնայենք։ Օրհնյա մեր ժողովը այս կալանավորական անիվավոր գուբի մեջ։

Կապրալը կարմրատակեց ու տեղից վեր թռավ։

—— Ես արգելում եմ որևէ դիտողություն անել, հե՛յ, հոժարական։

— Դուք մեղք չունեք,— հանգստացնում էր նրան հոժարականը։— Բնությունը կենդանիների բոլոր տեսակներն ու ցեղերը ստեղծելու հետ միասին նրանց զրկել է ամենայն ինտելեկտից։ Երևի դուք լսել եք մարդկային հիմարության մասին։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե դուք ծնված լինեիք իբրև մի այլ կաթնասուն կենդանի և չկրեիք մարդու և կապրալի տխմար անունը։ Դուք մեծապես սխալվում եք, եթե ձեզ համարում եք կատարյալ և շատ զարգացած արարած։ Բավական է պոկել ձեր աստղերը, և դուք կդառնաք զրո, ճիշտ այնպիսի զրո, ինչպիսին են բոլոր նրանք, որոնց սպանում են բոլոր ռազմաճակատներում և բոլոր խրամատներում, սպանում աստված գիտե թե ինչի համար։ Եթե ձեզ վրա մի աստղ էլ ավելացնեն և ձեզնից մի նոր տեսակի կենդանի պատրաստեն, անունը ավագ ենթասպա, ապա դարձյալ ձեր ամեն ինչը կարգին չի լինի։ Ձեր մտահորիզոնը ավելի կնեղանա, և երբ դուք, վերջապես, ռազմի դաշտում վայր դնեք ձեր կուլտուրապես չզարգացած գլուխը, ապա ամբողջ Եվրոպայում ձեզ համար ոչ ոք լաց չի լինի։

— Ես ձեզ կնստեցնեմ,— հուսահատաբար բղավեց կապրալը։

Հոժարականը ժպտաց.

— Երևի դուք կցանկանայիք ինձ նստեցնել ձեզ վիրավորելո՞ւ համար։ Այդ դեպքում պետք է սուտ ասեիք, որովհետև ձեր մտավոր բագաժով դուք բնավ չէիք կարող հասկանալ իմ խոսքերի մեջ եղած վիրավորանքը, մանավանդ որ դուք,— ինչի վրա ուզում եք գրազ գամ,— մեր խոսակցությունից ոչինչ չեք հիշում։ Եթե ես ձեզ անվանեմ էմբրիոն, ապա դուք այդ բառը կմոռանաք ոչ միայն առաջիկա կայարանին չհասած, այլև ավելի վաղ, քան մեր մոտով կսլանա ամենամոտիկ հեռագրասյունը։ Դուք ուղեղի մի մեռած գալար եք։ Որքան էլ ես ցանկանամ, չեմ կարող նույնիսկ պատկերացնել, որ դուք երբևէ կարող եք կապակցված պատմել այն, ինչ ես ասացի։ Բացի դրանից, հարցրեք ներկա գտնվողներից ում ուզում եք, թե արդյոք որևէ բանով վիրավորե՞լ եմ ձեր մտահորիզոնը և արդյոք իմ ասածների մեջ վիրավորանքի որևէ նշույլ կա՞ր։

— Անկասկած չկար, — հաստատեց Շվեյկը։— Ոչ ոք ձեզ որևէ այնպիսի խոսք չի ասել, որին դուք կարողանայիք վատ իմաստ վերագրել։ Միշտ վատ բան է դուրս գալիս, երբ մեկն ու մեկը իրեն վիրավորված է համարում։ Մի անգամ նստած էի «Թունել» գիշերային սրճարանում։ Մեզ հետ նստած էր մի նավաստի, որն ասում էր, թե հաճախ մարդ չի կարողանում օրանգուտանգին տարբերել որևէ մորուքավոր քաղաքացուց, որովհետև օրանգուտանգի ամբողջ ռեխը փռչերով է պատած, ինչպես… «ինչպես, օրինակ, ասում է, մեր կողքի սեղանին նստած, ա՛յ, այն պարոնինը»։ Մենք բոլորս շրջվեցինք ու նայեցինք, իսկ մորուքավոր պարոնը վեր կացավ, մոտեցավ նավաստուն և տո՛ւր թե կտաս ռեխին։ Նավաստին վերցրեց գարեջրի շիշն ու նրա գլուխը ջարդեց։ Մորուքավոր պարոնը մնաց ուշաթափ ընկած, իսկ մենք նավաստուն հրաժեշտ տվինք, որովհետև նա իսկույն թողեց ու գնաց, երբ տեսավ, որ պարոնին սպանել է։ Հետո մենք այդ պարոնին հարություն տվինք, և անկասկած մեր արածը հիմարություն էր, որովհետև հարություն առնելուց հետո նա իսկույն ոստիկան կանչեց։ Չնայած որ մենք բոլորովին մեղք չունեինք, ոստիկանը բոլորիս քաղաքամաս տարավ։ Այնտեղ պարոնն ասաց, թե մենք իրեն օրանգուտանգ ենք համարել և շարունակ իր մասին խոսել։ Եվ, պատկերացրեք, պնդում էր իր ասածը։ Մենք ասացինք, թե ոչ մի այդպիսի բան չենք արել և թե նա օրանգուտանգ չէ։ Իսկ նա մի գլուխ՝ օրանգուտանգ հա օրանգուտանգ, ես, ասում էր նա, իմ ականջով եմ լսել։ Ես կոմիսարին խնդրեցի, որ նա այդ պարոնին բան հասկացնի։ Կոմիսարն սկսեց հաշտ ու հանգիստ հասկացնել, բայց պարոնը նրան թույլ չտվեց խոսել և ասաց, թե կոմիսարը մեզ հետ խոսքը մեկ է արել։ Այն ժամանակ կոմիսարը հրամայեց նրան ծակը կոխել, որպեսզի այնտեղ սթափվի, իսկ մենք ուզում էինք վերադառնալ «Թունել» սրճարանը, բայց չկարողացանք, որովհետև մեզ էլ նստեցրին… Ահա տեսնում եք, պան կապրալ, թե ինչ կարող է դուրս գալ մի փոքրիկ, չնչին թյուրիմացությունից, որի մասին նույնիսկ խոսել չարժե։ Կամ, օրինակ, Գերմանական Բրոդում մի քաղաքացի վիրավորվել էր, որ նրան վագրային օձ էին անվանել։ Քի՞չ բառեր կան, որոնց համար ոչ ոքի չի կարելի պատժել։ Եթե, օրինակ, ասեինք, թե դուք մշկամուկ եք, դուք դրա համար պիտի նեղանայի՞ք։

Կապրալը մռնչաց։ Դա սովորական մռունչ համարել չէր կարելի։ Դա մի այնպիսի մռունչ էր, որի մեջ զայրույթը, կատաղությունն ու հուսահատությունը ի մի էին խառնված։ Այդ համերգային համարին ձայնակցեց մի զիլ սուլոց, որ արձակեց մրափած օբեր-ֆելդկուրատն իր քթով։

Այդ մռնչյունից հետո կապրալին համակեց մի կատարյալ ընկճվածություն։ Նա նստեց նստարանի վրա և իր ջրակալած անարտահայտիչ աչքերն ուղղեց դեպի հեռուները, դեպի անտառներն ու լեռները։

— Պարոն կապրալ,— ասաց հոժարականը,— տվյալ պահին թախծոտ աչքերով նայելով բարձր լեռներին ու բուրումնալից անտառներին, դուք նման եք Դանտեին։ Նույն ազնիվ դիմագծերը, որ ուներ պոետը, զգայուն սրտի և հոգու տեր այդ մարդը, որ սիրահար էր ամենայն վսեմի։ Խնդրում եմ, այդպես նստած մնացեք, դա ձեզ շատ է սազում։ Որքա՜ն զգացված, առանց որևէ անբնականության ու սեթևեթանքի, դուք ձեր աչքերը չռել եք ձեր առջև տարածված դաշտանկարի վրա։ Անշուշտ դուք խորհում եք, թե որքա՜ն գեղեցիկ է լինելու այստեղ գարնանը, երբ այս ամայի վայրերում կփռվի երփներանգ գորգը դաշտային ծաղիկների…

— Որոնց ոռոգում է առվակը,— ձայնակցեց Շվեյկը։— Իսկ մի կոճղի վրա նստած կլինի պան կապրալը, կթքոտի մատիտի ծայրն ու ոտանավորներ կգրի «Փոքրիկ ընթերցող» ժուռնալի համար։

Սակայն դա կապրալին դուրս չբերեց կատարյալ անզգայության վիճակից։ Հոժարականն սկսեց կապրալին հավատացնել, թե քանդակագործների ցուցահանդեսում տեսել է նրա կապրալական գլխի քանդակը։

— Ներեցեք, պան կապրալ, արդյոք դուք քանդակագործ Շտրուզեի համար մոդելի դեր չե՞ք կատարել։

Կապրալը նայեց հոժարականին և տխուր ասաց.

— Չեմ կատարել։

Պահակախմբի զինվորները Շվեյկի հետ թուղթ էին խաղում։ Կապրալը հուսահատությունից սկսեց խաղացողների ուսերի վրայից նայել խաղաթղթերին և նույնիսկ իրեն թույլ տվեց դիտողություն անել, թե Շվեյկն իզուր տուզ գնաց, թե եթե հաղթաթուղթը չգնար՝ յոթանոցը ձեռին կմնար։

— Մի ժամանակ,— ասաց Շվեյկը,— պանդոկների պատերի վրա շատ լավ մակագրություններ կային, հատկապես խորհրդատուների վերաբերյալ։ Հիշում եմ մի այսպիսի մակագրություն. «Խորհրդատու, քեզ պահիր դու խորհուրդդ, որ չջարդեն մռութդ»։

Զինվորական գնացքը մոտենում էր այն կայարանին, որտեղ տեսչությունը պետք է շրջայցեր վագոնները։ Գնացքը կանգ առավ։

— Այդպես էլ գիտեի,— ասաց անողոք հոժարականը, մի բազմանշանակալից հայացք նետելով կապրալի վրա,— տեսչությունն արդեն այստեղ է․․․

Վագոն մտավ տեսչությունը։

Շտաբը զինվորական գնացքի պետ էր նշանակել մի պահեստի սպայի՝ մաթեմատիկական գիտությունների դոկտոր Մռազին։ Այդպիսի տխմար գործերի գլուխ միշտ էլ պահեստի սպաներ էին դնում։

Մռազն իր պաշտոնի ձեռից բոլորովին գլուխը կորցրել էր։ Նրա հաշիվների մեջ շարունակ մի վագոն պակաս էր դուրս գալիս, թեև նա պատերազմից առաջ ռեալական ուսումնարանի մաթեմատիկայի դասատու էր եղել։ Բացի դրանից, վերջին կայարանում ըստ վագոնների կատարած մարդահաշիվը չէր բռնում Բուդեյովիցիում գնացք նստելուց հետո կատարված հաշվի գումարին։ Երբ նա աչքի էր անցկացրել գույքի ցուցակը, պարզվել էր, որ չգիտես որտեղից երկու ավելորդ դաշտային խոհանոցներ են հայտնվել։ Նրա մարմնով սարսուռ էր անցել, երբ տեսել էր, որ ձիերն անհասկանալի կերպով բազմացել են։ Սպայական կազմի նրա ցուցակի մեջ պակասում էր երկու կրտսեր սպա։ Առջևի վագոնում, որտեղ տեղավորված էր գնդի գրասենյակը, ոչ մի կերպ չէին կարողանում գտնել գրամեքենան։ Այդ քաոսից նրա գլուխն սկսել էր ցավել, նա արդեն երեք ասպիրին էր խմել և հիմա գնացքը տեսչական ստուգման էր ենթարկում դեմքի հիվանդագին արտահայտությամբ։

Իրեն ուղեկցող սպայի հետ մտնելով կալանավորական կուպեն և, ստուգելով թղթերը, նա ընդունեց թշվառ կապրալի զեկույցը, թե նա ուղեկցում է երկու կալանավորի և թե իր պահակախմբում այսքան ու այսքան մարդ կա։ Այնուհետև գնացքի պետը զեկույցի թվերը բաղդատեց փաստաթղթերի տվյալների հետ և աչք ածեց վագոնը։

— Իսկ սա ո՞վ է, էլ ո՞ւմն եք տանում,― խստորեն ասաց նա, մատնացույց անելով օբեր-ֆելդկուրատին, որ քնած էր փորի վրա պառկած, հանդգնաբար քամակը ուղիղ դեպի տեսուչները դարձրած։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— կակազելով թոթովեց կապրալը,— նը-նը նա…

— Էլ ի՞նչ «նը-նը-նա»,— դժգոհ ասաց Մռազը։— Ավելի պարզ արտահայտվեցեք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— կապրալի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— փորի վրա քնած այդ մարդը ինչ-որ հարբած պարոն օբեր-ֆելդկուրատ է։ Նա կպավ մեզ ու խցկվեց վագոնը, իսկ մենք նրան չէինք կարող դուրս նետել, քանի որ ինչքան չլինի պետ է և դա աստիճանահարգության խախտում կլիներ։ Երևի նա շտաբի վագոնը շփոթել է կալանավորականի հետ։

Մռազը հառաչեց ու նայեց իր թղթերին։ Այդ թղթերի մեջ ակնարկ անգամ չկար որևէ օբեր-ֆելդկուրատի մասին, որ գնացքով պետք է Բրուկ գնար։ Նրա մի աչքը սկսեց թրթռալ։ Նախորդ կայարանում հանկարծ ավելացել էին ձիերը, իսկ հիմա, խնդրեմ կալանավորական կուպեում չգիտես որտեղից մի օբեր-ֆելդկուրատ է լույս ընկել։

Գնացքի պետը չկարողացավ խորհել ավելի լավ բան, քան կապրալին հրամայել, որ նա փորի վրա քնած օբեր-ֆելդկուրատին շրջի մեջքի վրա, քանի որ ներկա դիրքում անհնար էր նրա անձը հավաստել։

Կապրալը երկար ջանքերից հետո օբեր-ֆելդկուրատին շրջեց մեջքի վրա, ըստ որում վերջինս արթնացավ և իր առաջ սպա տեսնելով՝ ասաց.

— Eh, servus, Fredy, was gibt’s neues? Abendessen schon fertig?[65]

Այդ ասելուց հետո նա նորից փակեց աչքերն ու շրջվեց դեպի պատը։

Մռազն ի դեմս նրա իսկույն ճանաչեց երեկվա սպայական հավաքույթի շատակերին, բոլոր սպայական բանկետներին մասնակցող հռչակավոր որկրամոլին, և կամացուկ հառաչեց․

— Դուք դրա համար կներկայանաք զեկույցի,— ասաց նա կապրալին ու դիմեց դեպի դուռը։

Շվեյկը կանգնեցրեց նրան․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ես իրավունք չունեմ այստեղ մնալու։ Ես կալանքի տակ պետք է մնայի մինչև ժամը տասնմեկը, որովհետև այսօր իմ ժամկետը լրացել է։ Ես կալանավորված եմ երեք օրով և հիմա արդեն մնացածների հետ պետք է գտնվեմ հորթատար վագոնում։ Նկատի ունենալով, որ ժամը տասնմեկն արդեն վաղուց անցել է, խոնարհաբար խնդրում եմ, պարոն լեյտենանտ, ինձ գնացքից իջեցնել կամ տեղափոխել հորթատար վագոն, որտեղ պարտավոր եմ լինել, կամ ուղարկել պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի մոտ։

— Ձեր ազգանո՞ւնը,— հարցրեց Մռազը,— նայելով իր թղթերին։

— Շվեյկ Յոզեֆ, պարոն լեյտենանտ։

— Հը՛մ… ուրեմն, դուք եք այն բավական հայտնի Շվեյկը,— ասաց Մռազը։— Իսկապես դուք կալանքից պետք է ազատվեիք ժամը տասնմեկին, բայց պորուչիկ Լուկաշն ինձ խնդրել է, հանուն անվտանգության, մինչև մեր Բրուկ հասնելը ձեզ բաց չթողնել, որպեսզի ճանապարհին որևէ օյին չսարքեք։

Նրանց գնալուց հետո կապրալը չդիմացավ ու չհապաղեց Շվեյկին դիմել հետևյալ խայթիչ դիտողությամբ.

— Հը, ո՞նց էր, Շվեյկ, բարձր ինստանցիային դիմելը ձեզ օգուտ տվե՞ց։ Կղկղանք էլ չարժի դա։ Ես որ ուզենամ, երկուսիդ էլ փեչը կկոխեմ ու կվառեմ։

— Պան կապրալ,— ասաց հոժարականը,— բերանից աջ ու ձախ կղկղանք շաղ տալը քիչ թե շատ համոզիչ փաստարկում է, սակայն ինտելիգենտ մարդը նույնիսկ գրգռված վիճակում և կամ վիճելիս նման արտահայտությունների չպետք է դիմի։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր այն ծիծաղելի սպառնալիքներին, թե մեզ երկուսիս կարող եք փեչը կոխել ու վառել, ապա ինչո՞ւ, գրո՛ղը տանի, մինչև հիմա այդ բանը չեք արել, երբ հնարավորություն ունեիք անելու։ Հավանաբար, այդ խնդրում դեր է խաղացել ձեր հոգեկան հասունությունը և բացառիկ նրբավարությունը։

— Ձեռք քաշեք ինձնից,— վեր թռավ կապրալը,— ես երկուսիդ էլ կարող եմ ծակը խոթել։

— Իսկ ինչի՞ համար, աղավնյակս,— չքմեղաբար հարցրեց հոժարականը։

— Ի՛մ գործն է, թե ինչի համար,— աքլորացավ կապրալը։

— Ձե՞ր գործն է,— հարցրեց հոժարականը ժպտալով։— Բայց դա նաև մեր գործն է, ինչպես թուղթ խաղալիս ասում են. «Ձեր փողերը հաշվեք մերը»։ Ես կասեի, որ ձեզ վրա ավելի շուտ ազդել է այն հիշեցումը, թե ստիպված պիտի լինեք զեկույցի ներկայանալ, իսկ դուք մեզ վրա եք գոռգոռում, բացարձակապես չարաշահելով ձեր պաշտոնական դիրքը։

— Անտաշ մարդիկ եք, ահա թե ինչ,― բղավեց կապրալը, սիրտ առնելով ու դեմքին ահազդու արտահայտություն տալով։

— Գիտե՞ք ինչ կասեմ ես ձեզ, պարոն կապրալ,— ասաց Շվեյկը։— Ես հին զինվոր եմ, ծառայել եմ նաև պատերազմից առաջ, և չգիտեմ ոչ մի դեպք, որ հայհոյանքը մարդու հասցրած լինի լավ բանի։ Սրանից մի քանի տարի առաջ, հիշում եմ, մեր վաշտում մի դասակապետ կար, ազգանունը Շրայտեր։ Գերաժամկետիկ էր։ Նրան վաղուց կապրալի աստիճան տված ու տուն ուղարկած կլինեին։ Բայց երևի, ինչպես ասում են, փոքր ժամանակ դայակը նրան ձեռքից ցած էր գցել։ Շարունակ մեզ հետամտում, կպչում էր տզի պես, թե այս ինչ բանը այսպես չի արված, այնինչ բանը հրահանգին չի համապատասխանում, մի խոսքով՝ կպչում էր որքան կարող էր և միշտ հայհոյում, թե. «Դուք զինվորներ չեք, այլ գիշերապահներ»։ Մի գեղեցիկ օր այդ բանը ինձ համբերությունից հանեց և ես վաշտապետի մոտ զեկույցի գնացի։ «Ի՞նչ կա»— հարցնում է ինձ կապիտանը։ «Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան,— ասում եմ ես,— գանգատ ունեմ մեր ֆելդֆեբել Շրայտերի վրա։ Մենք ինչքան չլինի նորին մեծության զինվորներ ենք, և ոչ թե գիշերապահներ։ Մենք հոգով ու սրտով ծառայում ենք նորին մեծությանը, և ոչ թե պարապ-սարապ օր մթնացնում»։ «Խելքդ գլուխդ հավաքիր, միջա՛տ,— պատասխանեց ինձ կապիտանը։— Դո՛ւրս կորիր։ Եվ այլևս աչքիս չերևաս»։ Իսկ ես, թե. «Խոնարհաբար խնդրում եմ ինձ ուղարկել գումարտակային զեկույցի»։ Երբ գումարտակային զեկույցի ժամանակ օբեր-լեյտենանտին բացատրեցի, թե մենք գիշերապահներ չենք, այլ նորին մեծության զինվորներ, նա ինձ երեք օրով նստցնել տվեց, բայց ես խնդրեցի ինձ ուղարկել գնդային զեկույցի։ Գնդային զեկույցի ժամանակ գնդապետը իմ բոլոր բացատրություններից հետո վրաս բղավեց, թե ես ապուշ եմ, և ինձ գրողի ծոցն ուղարկեց։ Իսկ ես նորից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել, պարոն գնդապետ, որ խնդրում եմ ինձ ուղարկել բրիդագային զեկույցի»։ Դրանից նա վախեցավ և իսկույն հրամայեց մեր ֆելդֆեբել Շրայտերին կանչել գրասենյակ, և Շրայտերը ստիպված եղավ «գիշերապահներ» խոսքի համար բոլոր սպաների ներկայությամբ ինձնից ներողություն խնդրել։ Հետո նա բակում հասավ իմ հետևից ու ասաց, թե այսօրվանից էլ չի հայհոյի, բայց ինձ մինչև կայազորի բանտը կհասցնի։ Այդ օրվանից ես միշտ զգույշ էի, բայց և այնպես չպրծա։ Մի անգամ ցայխհաուզի մոտ պահակ էի կանգնած։ Ինչպես ընդունված է, այնտեղ յուրաքանչյուր պահակ պատի վրա որևէ հիշատակ էր թողնում, օրինակ, կանացի անդամներ նկարում կամ մի ոտանավոր գրում։ Իսկ ես ոչինչ չկարողացա հորինել և ձանձրույթից վերջին մակագրության տակ գրեցի․ «Ֆելդֆեբել Շրայտերը սրիկա է»։ Ֆելդֆեբելը, այդ սրիկան, ինձ անմիջապես մատնեց, քանի որ կրկնակոխ հետևում ու ոստիկանական շան պես հետամտում էր։ Պատահմունքի տխուր բերումով իմ այդ մակագրության վերևում կար մի ուրիշը, թե․ «Մենք պատերազմ չենք գնա, ․․․թքել ենք դրա վրա»։ Իսկ դա հազար իննհարյուր տասներկու թվին էր, երբ դեսպան Պրոխոզկայի պատճառով մեզ ուզում էին ուղարկել Սերբիայի դեմ։ Ինձ անմիջապես ուղարկեցին Թերեզինի ռազմական դատարանը։ Ռազմական դատարանի պարոնները մի տասնհինգ անգամ լուսանկարեցին ցայխհաուզի պատը՝ վրայի բոլոր մակագրություններով, այդ թվում և իմ ստորագրությամբ հանդերձ։ Ձեռագիրս ուսումնասիրելու համար ինձ մի տասն անգամ ստիպեցին գրել․ «Մենք պատերազմ չենք գնա, թքել ենք դրա վրա», մի տասնհինգ անգամ ստիպված եղա նրանց ներկայությամբ գրել․ «Ֆելդֆեբել Շրայտերը սրիկա է»։ Վերջապես եկավ մի փորձագետ ձեռագրաբան և ինձ հրամայեց գրել, «Հազար ութհարյուր իննսունյոթ թվի հունիսի քսանիննին Կրալով Դվուրը ճաշակեց Լաբայի տարերային վարարման սարսափները»։ «Դա դեռ քիչ է,— ասաց դատական քննիչը։— Մեզ համար կարևորն ուրիշ բան է։ Նրան այնպիսի բան թելադրեցեք, որ մեջը շատ «ք» և «ա» լինի։ Փորձագետն ինձ թելադրեց. «Քարավան, քարտեզ, աքցան, քրոմ, քավարան, կարագ»։ Դատական փորձագետը, ըստ երևույթին, ավելորդ բաներ շատ էր ասել և շարունակ նայում էր հետևում կանգնած զինվորին։ Վերջապես նա ասաց, թե անհրաժեշտ է, որ ես երեք անգամ գրեմ. «Արևն արդեն սկսում է կիզել, շոգ օրեր են սկսվում»։ Դա, ասում է, ուղարկելու է Վիեննա։ Այն ուհետև ամբողջ գործն ուղարկեցին Վիեննա, և, վերջապես պարզվեց, որ մակագրություններն իմ ձեռքով չեն արված, իսկ ստորագրությունն իսկապես իմն է, թեև դա ես առաջ էլ խոստովանել էի։ Ինձ դատապարտեցին վեց շաբաթվա կալանքի, այն բանի համար, որ ստորագրել եմ պահակետում կանգնած ժամանակ, իսկ դա, ասացին, նշանակում է, որ ես ստորագրելուս պահին չէի կարող պահպանել ինձ վստահված պոստը։

— Տեսնո՞ւմ եք, այնուամենայնիվ ձեզ պատժել են,— ոչ առանց բավականության ասաց կապրալը,— ուրեմն դուրս է գալիս, որ դուք իսկական քրեական հանցագործ եք։ Եթե ես ռազմական դատարանի տեղը չինեի, ձեզ ոչ թե վեց շաբաթ, այլ վեց տարի կտայի։

— Այդքան ահեղ մի լինեք,— խոսք վերցրեց հոժարականը։— Ավելի լավ կլինի մտածեք, թե ձեր վերջն ինչ է լինելու։ Քիչ առաջ տեսչությունը ձեզ ասաց, թե պետք է զեկույցի ներկայանաք։ Վատ չէր լինի, որ պատրաստվեիք այդ լուրջ պահի համար և կշռադատեիք ձեր կապրալական գոյության ողջ ունայնությունը։ Իսկապես ասած, ի՞նչ եք դուք տիեզերքի համեմատությամբ, եթե նկատի ունենաք, որ ամենամոտիկ անշարժ աստղը այս զինվորական գնացքից երկուհարյուր յոթանասունհինգ հազար անգամ ավելի հեռու է, քան արևը, և նրա պարալաքսն հավասար է մեկ աղեղնային վայրկյանի։ Եթե ձեզ տիեզերքի մեջ պատկերացնելու լինենք որպես մի անշարժ աստղ, դուք անշուշտ այնքան չնչին կլինեք, որ ամենահզոր աստղադիտակով անգամ հնարավոր չի լինի ձեզ նշմարել։ Տիեզերքում գոյություն չունի ոչ մի հասկացություն, որ կարողանա արտահայտել ձեր չնչինությունը։ Դուք երկնակամարում կես տարվա ընթացքում կգծեիք այնքան աննշան մի աղեղ, իսկ մի տարում՝ այնքան փոքր էլիպս, որ իրենց աննշանության պատճառով անհնար կլիներ արտահայտել որևէ թվով։ Ձեր պարալաքսը հավասար կլիներ անչափելի փոքր մեծության։

— Այդ դեպքում,— հարեց Շվեյկը,— պարոն կապրալը կարող է պարծենալ, որ ոչ ոք չի կարող նրան չափել։ Զեկույցի ժամանակ, ինչ էլ որ լինի, պարոն կապրալը պետք է հանգիստ մնա և չտաքանա, քանի որ ամեն մի հուզում առողջությանը վնասում է, իսկ պատերազմի ժամանակ ամեն մարդ պարտավոր է իրեն պահպանել։ Պատերազմի հետ կապված ձախորդությունները պահանջում են, որ յուրաքանչյուր առանձին անձնավորություն փոքր-ինչ ավելին լինի, քան սատկած անասունը։ Եթե ձեզ նստեցնեն, պարոն կապրալ,— շարունակեց Շվեյկը սիրալիր ժպիտով,— եթե պատահի, որ ձեր նկատմամբ այդպիսի անարդար բան անեն, դուք հոգով չպետք է ընկճվեք, և թող նրանք մնան իրենց կարծիքին, իսկ դուք՝ ձեր։ Ես մի ծանոթ ածխավաճառ ունեի, անունը Ֆրանտիշեկ Շկվոր։ Պատերազմի առաջին օրերին ես ու նա Պրագայի ոստիկանական վարչությունում նստած էինք պետական դավաճանության մեղադրանքով։ Հետո նրան կախեցին մի ինչ-որ պրագմատիկ սանկցիայի համար։ Երբ հարցաքննության ժամանակ նրան հարցրել էին, թե արձանագրության դեմ առարկություն չունի՞, նա ասել էր.

Թող լինի, ինչպես եղել է, չէ՞ որ որևէ կերպ եղել է,
Երբևէ չի եղել, որ մի կերպ չլինի։

Դրա համար նրան երեք օր մենախուց նստեցրին, և հաց ու ջուր չտվին։ Բայց նա իրենն էր պնդում, թե՝ «Թող լինի, ինչպես եղել է, չէ՞ որ որևէ կերպ եղել է, երբևէ չի եղել, որ մի կերպ չլինի»։ Նրան ուղարկեցին ռազմական դատարան, և հնարավոր է, որ այդ նույն խոսքերը կրկնելով էլ նա դիմել է դեպի կախաղան։

— Հիմա, ասում են, շատ են կախում ու գնդակահարում,— ասաց ուղեկցորդներից մեկը։— Վերջերս վարժադաշտում մեզ մի հրաման կարդացին, թե Մոտոլում Կուդրնա անունով մի պահեստայինի կախել են նրա համար, որ Բենեշովում կնոջը հրաժեշտ տալիս տաքացել է, երբ կապիտանը թրատել է նրա փոքրիկ տղային, որ նստած է եղել մոր գրկում։ Առհասարակ բոլոր քաղաքականներին բռնում են։ Մորավիայից եկած մի խմբագրի գնդակահարել են։ Վաշտապետը մեզ ասաց, որ մյուսներին էլ նույնն է սպասում։

— Ամեն ինչ իր սահմանն ունի,— երկիմաստաբար ասաց հոժարականը։

— Ճիշտ եք ասում,— հարեց կապրալը։— Այդ խմբագիրներին տեղն է։ Միայն մարդկանց գրգռել գիտեն։ Օրինակի համար, նախանցյալ տարի, երբ ես դեռ եֆրեյտոր էի, իմ հրամանատարության տակ մի խմբագիր կար։ Նա ինձ անվանում էր ոչ այլ ինչ, եթե ոչ ամբողջ բանակը կեղտոտող ոջլոտ ոչխար։ Իսկ երբ ես նրան սովորեցնում էի ազատ վարժություններ անել մինչև հալից ընկնելը, նա միշտ ասում էր․ «Խնդրում եմ, ի դեմս իմ հարգել մարդուն»։ Այն ժամանակ ես նրան ցույց տվի, թե ինչ ասել է «մարդ»։ Մի անգամ, երբ զորանոցի ամբողջ բակում ջրփոսեր էին գոյացել, նրան տարա մոտեցրի ահա մի այդպիսի ջրփոսի և հրամայեցի. «Nieder»։ Տղան ստիպված եղավ թրմփալ ջրի մեջ, և ցայտերը դես ու դեն թռան, ինչպես լողարանում։ Իսկ ճաշից հետո նրա վրա ամեն ինչ նորից պիտի փայլեր, իսկ մունդիրը բոլորովին մաքուր լիներ։ Դե՛հ, մի գլուխ մաքրում էր, տնքտնքում, բայց մաքրում, հետն էլ զանազան դիտողություններ անում։ Հետևյալ օրր նա նորից խոզի պես թավալվում էր ջրի մեջ, իսկ ես գլխին կանգնել, ու ասում եմ, «Հը՞, պարոն խմբագիր, հիմա ո՞վ է ավելի բարձր, ե՞ս թե ձեր «մարդը»»։ Իսկակա՜ն ինտելիգենտ էր։

Կապրալը հաղթականորեն նայեց հոժարականին ու շարունակեց․

— Նրա վրայից հոժարականի ուսաթելերը պոկեցին հենց իր կրթվածության համար, այն բանի համար, որ թերթերում հոդվածներ էր գրում զինվորներին ծաղրուծանակի ենթարկելու մասին։ Բայց ինչպե՞ս հոգին չհանես, երբ այդքան ուսյալ մարդ է, բայց չի կարողանում հրացանի փակաղակը քանդել, թեկուզ տասն անգամ ցույց տված լինես։ Իսկ երբ նրան ասում ես «ձախ հավասարում», նա կարծես դիտմամբ գլուխը դեպի աջ է դարձնում ու ագռավի պես քեզ նայում։ Հրացանի վարարկները չգիտե, չի հասկանում, թե առաջ ինչը պետք է բռնել, փո՞կը թե փամփշտակալը։ Նոր դարպաս տեսած ոչխարի պես աչքերը չռում է վրադ, երբ ցույց ես տալիս, որ ձեռքը փոկի վրայով պետք է դեպի ցած սահի։ Նույնիսկ չգիտեր, թե հրացանը ո՛ր ուսին պետք է դնել, կապիկի պես էր պատիվ տալիս։ Իսկ քայլավարժության ժամանակ ի՜նչ դարձումներ էր անում, աստվա՜ծ իմ։ «Հետ դարձ» հրամանի ժամանակ իր համար մեկ էր, թե ո՛ր քայլից հետո կաներ շլը՛փ, շըլ՛փ, շըլ՛փ։ Հրամանը տալուց հետո էլ մի վեց քայլ առաջ էր վազում՝ թը՛փ, թը՛փ, թը՛փ․․․ և միայն հետո շուռ էր գալիս շամփրած աքլորի պես, իսկ քայլում էր պոդագրիկի պես և կամ ոտքերը պար ածում աթոռի տոնի օրը պարող պառաված աղջկա պես։

Կապրալը թքեց։

— Ես դիտմամբ նրան մի շատ ժանգոտած հրացան էի տվել, որ մաքրել սովորեր։ Տրորում էր հրացանը, ինչպես որձ շունը քածին, բայց եթե նույնիսկ երկու կիլոյից ավելի խծուծ գներ, միևնույն է, չէր կարող մաքրել։ Ինչքան շատ էր մաքրում, այնքան ավելի վատ, հրացանը ավելի էր ժանգոտում, իսկ հետո զեկույցի ժամանակ այդ հրացանը ձեռքից ձեռք էր անցնում, և բոլորը զարմանում էին, թե ինչպես կարելի է հրացանն այնպիսի վիճակի հասցնել, որ ամբողջովին ժանգն ուտի։ Մեր կապիտանը միշտ նրան ասում էր, թե նրանից զինվոր դուրս չի գա, ավելի լավ կլինի գնա կախվի, որ իզուր տեղը զինվորի հաց չուտի։ Իսկ նա շարունակ ակնոցների տակից աչքերն էր ճպճպացնում։ Եթե մի օր վերակարգում չէր լինում կամ կարցեր չէր նստում, նրա համար տոն ու ուրախություն էր։ Սովորաբար այդպիսի օրերին էր թերթերի համար հոդվածներ գրում, թե զինվորներին ինչպես են տանջում, մինչև որ նրա սնդուկը խուզարկեցին։ Ա՜յ թե գրքեր կային մեջը։ Բոլորն էլ զինաթափման ու ժողովուրդներին հաշտեցնելու մասին։ Դրա համար նրան կայազորի բանտ ուղարկեցին, և այդ օրվանից նրանից ազատվեցինք, մինչև որ նորից հայտնվեց մեզ մոտ, բայց այս անգամ գրասենյակում, որտեղ նստում ու մթերաբաժիններ էր դուրս գրում։ Նրան տեղափոխել էին այդտեղ, որ զինվորների հետ շփում չունենար։ Այդպիսի տխուր վախճան ունեցավ այդ ինտելիգենտը։ Սակայն կարող էր մե՜ծ մարդ դառնալ, եթե իր հիմարության պատճառով հոժարականի իրավունքից չզրկվեր։ Կարող էր լեյտենանտ դառնալ։

Կապրալը հառաչեց։

— Բայց ի՞նչի էր պետք, երբ չէր կարողանում նույնիսկ շինելի փոթերն ուղղել։ Ձեռից միայն այն էր գալիս, որ Պրագայից իր համար կոճակներ մաքրելու ամեն տեսակ հեղուկներ ու քսուկներ էր բերել տալիս։ Բայց և այնպես նրա կոճակները Իսայու մազերի պես շիկակարմիր էին։։ Սակայն ափեղցփեղ խոսել կարողանում էր, իսկ երբ սկսեց գրասենյակում ծառայել փիլիսոփայություններ էր անում։ Առաջ էլ ուներ այդ սովորությունը։ Շարունակ մի բառ էր կրկնում — «մարդ», ինչպես արդեն ասացի։ Մի անգամ, երբ նա սկսեց դատողություններ անել ջրափոսի առաջ, որի մեջ պիտի թրմփար «nieder» հրամանից հետո, ես նրան ասացի․ «Երբ դու սկսում ես դուրս տալ մարդու և ցեխի մասին, միտս է գալիս, որ մարդը շինված է ցեխից, և ցեխի մեջ էլ պիտի լինի։»։

Խոսքն ավարտելով, կապրալն ինքն իրենից շատ գոհ մնաց և սկսեց սպասել, թե այդ մասին հոժարականն ի՛նչ կասի։ Սակայն պատասխանեց Շվեյկը․

— Հենց այդպիսի բաների, այդպիսի խծբծանքների համար սրանից մի քանի տարի առաջ Երեսուներեքերորդ գնդում Կոնիչեկ անունով մեկը խոցոտելով սպանել է կապրալին, հետո էլ ինքն իրեն։ «Կուրյեր»-ի մեջ էր գրված։ Կապրալի մարմնի վրա երեսունի չափ վերք է եղել, մի դյուժինից ավելին՝ մահացու։ Սպանելուց հետո զինվորը նստել է կապրալի վրա և իրեն էլ խոցոտել։ Մի քանի տարի առաջ մի ուրիշ դեպք էլ պատահել է Դալմացիայում։ Այնտեղ կապրալին մորթել են, և մինչև հիմա հայտնի չէ, թե ով է մորթել։ Դա մնացել է անհայտության խավարում թաղված, և միայն այն է պարզվել, որ մորթված կապրալի անունը եղել է Ֆիալա և որ նա Գրաբովնայի բնակիչ է եղել։ Հետո ինձ հայտնի է նաև Յոթանասունհինգերորդ գնդի կապրալ Ռեյմանեկին պատահած դեպքը…

Այդ բավական ախորժելի պատմությունն ընդհատվեց մի ուժգին զկռտոցով, որ լսվեց այն նստարանի կողմից, որի վրա քնած էր օբեր-ֆելդկուրատ Լացինան։

Պատերն արթնանում էր իր ամբողջ հմայչությամբ ու բարեկրոնությամբ հանդերձ։ Նրա զարթոնքին ուղեկցում էին նույն այն երևույթները, որ ուղեկից էին երիտասարդ հսկա Գարգանտյուայի վաղորդյան զարթոնքին, որ նկարագրել է ուրախ ծերունի Ռաբլեն։

Օբեր-ֆելդկուրատը քամիներ էր բաց թողնում, լիաբերան զկռտում ու հորանջում։ Վերջապես նա նստեց ու զարմացած հարցրեց.

— Այս ի՞նչ է, որտե՞ղ եմ ես գտնվում։

Կապրալը քծնողաբար պատասխանեց արթնացող պետին․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-ֆելդկուրատ, դուք բարեհաճում եք գտնվել կալանավորական վագոնում։

Պատերի դեմքը զարմանք արտահայտեց։ Մի րոպե նա լուռ նստել ու լարված մտածում էր, բայց իզուր։ Անցյալ գիշերվա դեպքերի և վանդակապատ լուսամուտներով վագոնում արթնանալու հանգամանքի միջև փռված էր մոռացության ծովը։ Վերջապես նա հարցրեց տակավին քծնական պոզայով իր առաջ կանգնած կապրալին.

— Ո՞ւմ հրամանով են ինձ, ինչպես մի ինչ-որ…

— Համարձակվում եմ զեկուցել, առանց որևէ հրամանի, պայան օբեր-ֆելդկուրատ։

— Իսկ ո՞ւր ենք գնում։

— Համարձակվում եմ զեկուցել, Բրուկ։

— Իսկ ինչո՞ւ ենք գնում այնտեղ։

— Համարձակվում եմ զեկուցել, մեր ամբողջ Իննսունմեկերորդ գունդը տեղափոխվում է այնտեղ։

Պատերը նորից սկսեց լարված մտածել, թե ի՛նչ է պատահել իրեն, ի՛նչպես է ինքն ընկել այդ վագոնը և ի՛նչու է Բրուկ գնում, այն էլ Իննսունմեկերորդ գնդի հետ և պահակախմբի հսկողությամբ։ Վերջապես նա այնքան ուշքի եկավ, որ սկսեց հասկանալ, որ իր դիմաց հոժարական է նստած, և դիմեց նրան.

— Դուք ինտելիգենտ մարդ եք. գուցե կարողանաք առանց ոչինչ թաքցնելու ինձ բացատրել, թե ինչպես եմ ընկել ձեզ մոտ։

― Սիրով,— մտերմաբար ասաց հոժարականը։— Պարզապես առավոտյան գնացք նստելիս դուք ձութի պես կպաք մեզ, քանի որ խմած էիք։

Կապրալը խիստ-խիստ նայեց հոժարականին։

― Դուք խցկվեցիք մեր վագոնը,— շարունակեց հոժարականը,― դա կատարված փաստ է։ Պառկեցիք նստարանի վրա, իսկ Շվեյկն իր շինելը դրեց ձեր գլխի տակ։ Նախորդ կայարանում գնացքի ստուգման ժամանակ ձեզ մտցրին գնացքում գտնվող սպայական կազմի ցուցակի մեջ։ Ձեզ, այսպես ասած, պաշտոնապես հայտնաբերեցին, և դրա համար մեր կապրալը պետք է զեկույցի ներկայանա։

— Այդպե՜ս, այդպե՜ս,― հառաչեց պատերը։— Ուրեմն, ես առաջիկա կայարանում պետք է տեղափոխվեմ շտաբի վագոնը։ Իսկ ինչ է, ճաշն արդեն մատուցե՞լ են։

— Ճաշ տրվելու է միայն Վիեննայում, պարոն օբեր-ֆելդկուրատ,— մեջ մտավ կապրալը։

— Ուրեմն այդ դո՞ւք եք շինելը դրել գլխիս տակ,— դիմեց պատերը Շվեյկին։—— Շատ շնորհակալ եմ։

— Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա,— պատասխանեց Շվեյկը։— Ես վարվել եմ այնպես, ինչպես պետք է վարվի ամեն մի զինվոր, երբ տեսնում է, որ պետի գլխի տակ բան չկա և որ նա… էն իք է։ Ամեն մի զինվոր պետք է հարգի իր պետին, նույնիսկ եթե պետը մի քիչ էն իք է։ Ես ֆելդկուրատներին ծառայելու մեծ փորձ ունեմ, քանի որ ֆելդկուրատ Օտտո Կացի մոտ սպասյակ եմ եղել։ Ուրախ ու սրտաբաց մարդիկ են ֆելդկուրատները։

Օբեր-ֆելդկուրատը, խումարից դեմոկրատիզմով համակված, մի սիգարետ հանեց ու մեկնեց Շվեյկին․

— Ծխի՛ր։ Ասում են, դու իմ պատճառով պետք է զեկույցին ներկայանաս,— դիմեց նա կապրալին։― Ոչինչ, եղբայր, մի վախենար։ Ես քեզ կազատեմ։ Քեզ բան չի պատահի։ Իսկ քեզ,— ասաց նա Շվեյկին,― ես հետս կտանեմ, դու ինձ մոտ կապրես ինչպես Քրիստոսի թևի տակ։

Օբեր-ֆելդկուրատին համակեց մեծահոգության մի նոր նոպա, և նա սկսեց բոլորին ամեն տեսակ լավ-լավ բաներ խոստանալ։ Խոստացավ հոժարականի համար շոկոլադ գնել, ուղեկցորդների համար՝ ռոմ, կապրալին խոստացավ տեղափոխել 7-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի լուսանկարչական բաժինը, և բոլորին հավատացնում էր, թե նրանց ազատել կտա և երբեք ոչ մեկին չի մոռանա։ Եվ այդ ժամանակ էլ սկսեց իր ծխախոտատուփի սիգարետներով հյուրասիրել ոչ միայն Շվեյկին, այլև մյուսներին, հայտարարելով, թե բոլոր կալանավորներին թույլ է տալիս ձխել, և խոստացավ հոգալ, որ նրանց բոլորի պատժաժամկետը կրճատվի և որ նրանք նորից զինվորական նորմալ կյանքի անցնեն։

— Ես չեմ ուզում, որ դուք ինձ վատությամբ հիշեք,— ասաց նա։— Ես ծանոթություններ շատ ունեմ, և չեմ թողնի, որ դուք կորչեք։ Առհասարակ դուք ինձ վրա կարգին, աստվածահաճո մարդկանց տպավորություն եք գործում։ Եթե նույնիսկ մեղանչել եք, ապա ձեր մեղքերի համար պատժվում եք և, ինչպես տեսնում եմ, պատրաստակամորեն ու անտրտունջ կրում եք աստծո ուղարկած փորձությունները։

— Ինչի՞ համար եք դուք պատժի ենթարկվել,— դիմեց նա Շվեյկին։

— Աստված պատժեց,— բարեպաշտորեն պատասխանեց Շվեյկը,— իր պատժի համար զենք դարձնելով մեր գնդային զեկույցը, պարոն օբեր-ֆելդկուրատ, որին ներկայացա այն բանի համար, որ ինձնից անկախ պատճառով ուշ էի հասել գունդ։

— Աստված անսահմանորեն ողորմած է ու արդար,— հանդիսավորապես ասաց օբեր-ֆելդկուրատը։— Նա գիտե, թե ո՛ւմ է պատժում, քանզի հենց դրանով մեզ ցույց է տալիս իր կանխատեսությունն ու ամենակարողությունը։ Իսկ դուք ինչի՞ համար եք նստած, հոժարական։

— Ամենաողորմած աստված հաճեցավ ի վերուստ ինձ ոևմատիզմ առաքել, և այդ պատճառով ես ամբարտավանացել էի,— պատասխանեց հոժարականը։— Պատիժս կրելուց հետո ինձ ուղարկելու էն գնդի խոհանոցը։

— Աստծո արածը բարի է,— պաթոսով բարբաջեց պատերը, խոհանոցի անուն լսելով։— Կարգին մարդը խոհանոցումն էլ կարող է առաջ գնալ։ Ինտելիգենտ մարդկանց պետք է գործի դնել հենց խոհանոցում՝ բազմատեսակ կոմբինացիաներ ստեղծելու համար, քանզի բանը եփելը չէ, այլ այն, որ մարդ ամեն ինչ, օրինակ, համեմունքներն ու նման բաները սիրով կոմբինացնի։ Վերցնենք, օրինակ, եփահյութերը։ Ինպելիգենտ մարդը սոխից եփահյութեր պատրաստելիս ամենից առաջ կվերցնի ամեն տեսակ համեմունքներ, յուղով կկարմրացնի, ապա մեջը արմատիք, պղպեղ, անգլիական պղպեղ, մի քիչ մուսկատ ու զենջեֆիլ կգցի։ Իսկ սովորական, հասարակ խոհարարը սոխը կեփի ջրով, հետո մեջը տավարի ճարպով տապակած ալյուր կլցնի, և վերջ։ Ես կցանկանայի ձեզ սպայական խոհանոցում տեսնել։ Անկուլտուրական մարդուն կարելի է հանդուրժել կենցաղում կամ որևէ սովորական զբաղմունքի մեջ, բայց խոհարարական արվեստի մեջ դա իրեն անմիջապես զգալ կտա։ Երեկ երեկո Բուդեյովիցիում, սպայական ժողովարանում մեզ, ի միջի այլոց, մադերայով պատրաստած երիկամներ մատուցեցին։ Ով կարողացել էր այդպիսի խորտիկ պատրաստել (թող աստված թողություն տա նրա բոլոր մեղքերին), կուլտուրական մարդ է բառիս բուն իմաստով։ Ի դեպ, այնտեղի սպայական խոհանոցում ծառայում է Սկուտչայից եկած մի ուսուցիչ։ Իսկ մադերայով պատրաստած երիկամ ես մի անգամ կերել եմ Վաթսունչորսերորդ պահեստային գնդի սպայական ճաշարանում։ Մեջն ինչքան ասեք չաման էին լցրել, մի խոսքով, այնպես էին եփել, ինչպես մի հասարակ պանդոկում։ Իսկ ո՞վ էր եփել։ Հարց է ծագում, ի՞նչ էր եղել նրանց խոհարարը պատերազմից առաջ։ Կալվածքի տավարա՛ծ։

Ֆելդկուրատը մի պահ լռեց, ապա անցավ Հին և Նոր կտակարաններում խոհարարական արվեստին վերաբերող հիշատակությունների քննությանը, նշելով, որ այն ժամանակներում մեծ ուշադրություն են դարձրել ժամասացությունից և եկեղեցական տոներից հետո համեղ խորտիկներ պատրաստելու գործի վրա։ Հետո նա առաջարկեց մի բան երգել, և Շվեյկը սիրով, բայց, ինչպես միշտ, ոչ տեղին, զլեց.

Գալիս է Մարիան
Գոդոնինայից.
Նրա հետևից,
Գինին թևի տակ
Գնում է արագ,
Վազում անհամբեր
Մի դմբո տերտեր։

Բայց օբեր-ֆելդկուրատը բոլորովին չբարկացավ։

— Եթե մեր ձեռքի տակ մի քիչ ռոմ լիներ, գինու կարիք չէր զգացվի,— ասաց նա բարյացակամորեն ժպտալով,— իսկ ինչ վերաբերվում է Մարիային, ապա մենք առանց նրա էլ յոլա կգնանք։ Դրանք մարդուս միայն մեղքի տակ կգցեն։

Կապրալը ձեռքը տարավ շինելի գրպանը և, զգուշաբար, ռոմի մի տափաշիշ հանեց։

— Համարձակվում եմ առաջարկել, պարոն օբեր-ֆելդկուրատ,— կապրալի ձայնից երևում էր, թե այդ զոհողությունը որքան ծանր է նրա համար,— վիրավորական չհամարեք…

― Չեմ համարի, աղավնյա՛կս,— պատասխանեց օբեր-ֆելդկուրատը, և նրա ձայնի մեջ ուրախ նոտաներ հնչեցին։— Խմում եմ և մաղթում, որ հաջողությամբ տեղ հասնենք։

— Հիսո՜ւս Քրիստոս,— հառաչեց կապրալը, տեսնելով, թե ինչպես մի պատկառելի կումից հետո տափաշշի պարունակության կեսն անէացավ։

— Ախ, ձեր ի՛նչն եմ ասել,— մատով սպառնաց նրան օբեր-ֆելդկուրատը, ժպտալով և բազմանշանակալից աչքով անելով հոժարականին։— Եվ դեռ ամեն առիթով աստծո անունն եք տալիս։ Նա դրա համար ձեզ կպատժի։— Պատերը նորից մի կում արեց և, տափաշիշը Շվեյկին տալով, հրամայեց. «Վերջացնե՛լ»։

— Հրամանը-հրաման է,— բարեհոգաբար ասաց Շվեյկը կապրալին, վերադարձնելով դատարկ տափաշիշը։ Կապրալի աչքերում երևաց այն հատկանշական փայլը, որ կարելի է տեսնել միայն հոգեկան հիվանդների աչքերում։

— Իսկ հիմա մինչև Վիեննա հասնելը մի քիչ ննջեմ,— ասաց օբեր-ֆելդկուրատը։— Հենց որ Վիեննա հասնեք, ինձ արթնացրեք։ Իսկ դուք,— դիմեց նա Շվեյկին,— գնացեք սպայական ճաշարանի խոհանոցը, վերցրեք սպասքը և ինձ համար ճաշ բերեք։ Այնտեղ ասացեք, որ պարոն օբեր-ֆելդկուրատ Լացինայի համար է։ Աշխատեցեք կրկնակի բաժին ստանալ։ Եթե կնեդլիկ լինի, կոշտ կողը չվերցնեք, ձեռնտու չէ։ Հետո ինձ համար մի շիշ գինի բերեք և չմոռանաք կաթսայիկը վերցնել. թող մեջը ռոմ լցնեն։

Պատեր Լացիան սկսեց գրպանները պրպտել։

— Լսեցեք,— ասաց նա կապրալին,— մոտս մանր փող չկա, ինձ պարտքով մի ոսկի տվեք… Այդպես, ահա՛ վերցրեք։ Ձեր ազգանունն ի՞նչ է։

— Շվեյկ։

— Ահա ձեզ, Շվեյկ, թեյի փող։ Կապրա՛լ, ինձ մի ոսկի էլ պարտք տվեք։ Ահա, Շվեյկ, այս երկրորդ ոսկին կստանաք, եթե ամեն ինչ անեք ինչպես պետքն է։ Բացի դրանից, ինձ համար այնտեղ սիգարետներ ու սիգարներ ճարեցեք։ Եթե շոկոլադ տալու լինեն, կրկնակի բաժին պոկեցեք, իսկ եթե պահածոներ, ապա ուշ դարձրեք, որ ձեզ ապխտած լեզու կամ սագի լյարդ տան։ Եթե շվեցարական պանիր տալու լինեն, ապա, տեսեք, հա՛, կողքի մասից չվերցնեք, իսկ եթե հունգարական երշիկ տան՝ ծայրի մասից չվերցնեք, ավելի լավ կլինի՝ մեջտեղից, հյութալի մի կտոր։

Օբեր-ֆելդկուրատը մեկնվեց նստարանի վրա և մի րոպե չանցած քնեց։

— Հուսամ, միանգամայն գոհ եք մեր ընկեցիկ երեխայից,— ասաց հոժարականը ենթասպային, պատերի խռմփոցի ներքո։ Աննմա՜ն մանչուկ է։

— Ծծից կտրած, ինչպես ասում են,— վրա բերեց Շվեյկը,— արդեն շշից է ծծում, պարոն կապրալ․․․

Կապրալը մի րոպեի չափ պայքարեց ինքն իր հետ և, միանգամից ստորաքարշությունը մի կողմ թողնելով, չոր-չոր ասաց.

— Փափուկ-փափուկ խոսելով գործ է դզում…

— Իբրև թե մանր փող չունի,— ասաց Շվեյկը։— Դա ինձ հիշեցնում է Դեյվիցում ապրող Մլիչկո ազգանունով մի քարտաշի։ Այդ Մլիչկոն երբեք մանր փող չէր ունենում, մինչև որ խրվեց մի պատմության մեջ ու խարդախության համար բանտ ընկավ։ Մանր փող չէր ունենում, բայց մեծերը խմում էր։

— Յոթանասունհինգերորդ գնդում,— խոսակցությանը խառնվեց պահակախմբի զինվորներից մեկը,— մի կապիտան պատերազմից առաջ խմեց գնդի ամբողջ գանձարանը, որի համար էլ նրան զինվորական ծառայությունից վռնդեցին։ Հիմա նա նորից կապիտան է։ Մի ֆելդֆեբել գողացավ լամբակների համար տրված պետական մահուդը, քսան կտորից ավելի, իսկ հիմա ենթապրապորշչիկ է։ Իսկ ահա վերջերս Սերբիայում մի հասարակ զինվորի գնդակահարել են նրա համար, որ մի նստելում միանգամից կերել է այն մի տուփ պահածոն, որ նրան տվել էին երեք օրվա համար։

— Դա գործին չի վերաբերվում,— ասաց կապրալը։— Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է. աղքատ զինվորից երկու ոսկի պարտք վերցնել թեյի փող տալու համար,— դա արդե՜ն…

— Ահա ձեր ոսկին,— ասաց Շվեյկը։— Ես չեմ ուզում ձեր հաշվին հարստանալ։ Իսկ երբ օբեր-ֆելդկուրատից ստանամ երկրորդ ոսկին, դարձյալ կվերադարձնեմ ձեզ, որ լաց չլինեք։ Դուք ձեզ միայն շոյված պիտի համարեք, որ պետը ծախսի համար ձեզնից պարտք է վերցնում։ Թունդ էգոիստ եք, հա՜։ Բանը վերաբերվում է ընդամենը երկու ոսկու։ Կուզեի տեսնել, թե ինչ կերգեիք, եթե ստիպված լինեիք ձեր կյանքը զոհել ձեր պետի համար, օրինակ, եթե նա վիրավոր ընկած լիներ թշնամու կրակագծի վրա և դուք ստիպված լինեիք նրան գրկած դուրս բերել կրակի տակից, իսկ այդ ժամանակ ձեզ գնդակոծեին շրապնելով և ինչով ասեք…

— Դուք հո անպայման ձեր շալվարը կլցնեիք,— պաշտպանվեց կապրալը,— թշվառ այլանդակ։

— Կռվի ժամանակ շատերն են իրենց շալվարը լցնում,— ասաց պահակախմբի զինվորներից մեկը։— Վերջերս Բոլդեյովիցիում մի վիրավոր մեզ պատմում էր, որ նա ինքը հարձակման ժամանակ երեք անգամ իրար վրա շալվարը լցրել է։ Առաջին անգամ, երբ թաքստոցից դուրս են եկել լարափակոցների առջև ընկած հրապարակը, երկրորդ անգամ, երբ սկսել են լարերը կտրատել, իսկ երրորդ անգամ, երբ ռուսները սվինամարտի են դուրս եկել և «ուռռա» գռռացել։ Այդ ժամանակ նրանք հետ են փախել դեպի թաքստոցները, և ամբողջ վաշտում մեկը չի եղել, որ շալվարը լցրած չլինի։ Իսկ մի սպանված մնացել է հողապատնեշի վրա ոտքերը ցած կախված։ Հարձակման ժամանակ, ասում է, շրապնելը թռցրել էր նրա գանգի կեսը, ասես դանակով կտրել։ Այդ զինվորը վերջին պահին այնպես է տակը լցրել, որ կղկղանքն արյան հետ միասին շալվարի փողկերից, կոշիկների վրայով ուղղակի ծորել է հենց իր կես գանգի ուղեղի վրա։ Այդ ժամանակ, եղբա՛յր, ոչ ոք չի իմանում իրեն ինչ կպատահի։

— Իսկ երբեմն,— ասաց Շվեյկը,— կռվի ժամանակ հանկարծ մարդու սիրտ այնպես է խառնում, որ ասել չի լինի։ Պրագայի Պոդգորելց թաղի «Պանորամա» պանդոկում ապաքինվողների խմբին պատկանող մեկը, որ վիրավորվել էր Պերեմիշլի մոտ, պատմում էր, թե ինչպես նրանք մի ամրոցի մոտ սվինամարտի են գնացել։ Հանկարծ, որտեղից որտեղ, նրա վրա նետվել է մի ռուս զինվոր, սարի պես մի տղա, սվինը առաջաթեք բռնած, իսկ քթից ահագին խլինք կախված։ Ռուսի խլնքոտ քթին նայելուն պես խեղճի սիրտն այնպես է խառնել, որ ստիպված է եղել փախչել դաշտային լազարեթ։ Այնտեղ նրան խոլերայով հիվանդ են համարել և ուղարկել Բուդապեշտի խոլերային բարաքը, որտեղ նա իսկապես վարակվել է խոլերայով։

— Նա ի՞նչ էր, շարքայի՞ն թե կապրալ,— հետաքրքրվեց հոժարականը։

— Կապրալ,— հանգիստ պատասխանեց Շվեյկը։

— Նույնը կարող էր պատահել նաև ամեն մի հոժարականի,— տխմարաբար վրա բերեց կապրալը և այդ ժամանակ հաղթական տեսքով նայեց հոժարականին, կարծես ասելով. «Հը, կերա՞ր, էլ բան ունե՞ս ասելու»։

Բայց հոժարականը չպատասխանեց ու պառկեց նստարանի վրա։

Գնացքը մոտենում էր Վիեննային։ Ով քնած չէր, լուսամուտից նայում էր Վիեննայի մերձակայքի լարափակոցներին ու ամրություններին։ Այդ տեսարանը բոլորի վրա ճնշող տպավորություն գործեց, նույնիսկ Կաշպերյան լեռների հովիվների վագոններից լսվող անվերջանալի «Wann ich kumm, wann ich kumm, wann ich wieda, wieda kumm!»[66] — ղռվռոցը միանգամից լռեց Վիեննան շրջապատող փշալարերի գործած ծանր տպավորության տակ։

— Ամեն ինչ կարգին է,— ասաց Շվեյկը, նայելով խրամատներին։— Ամեն ինչ միանգամայն կարգին է։ Միայն մի բան լավ չէ. վիեննացիները քաղաքից դուրս գնալիս կարող են իրենց շալվարները պատռել։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել։

— Առհասարակ Վիեննան շատ երևելի քաղաք է,— շարունակեց Շվեյկը։— Հենց միայն Շենբրունի գազանանոցում ինչքան ասես վայրի գազաններ կան։ Երբ մի քանի տարի առաջ ես Վիեննայում էի, ամենից շատ սիրում էի գնալ կապիկներին նայելու, բայց երբ այնտեղ կայսերական պալատից որևէ անձ է գալիս, ոչ ոքի չեն թողնում, որ կորդոնից այն կողմն անցնի։ Ինձ հետ մի դերձակ կար, որ ապրում էր քաղաքի տասներորդ շրջանում, նրան ձերբակալեցին այն բանի համար, ոթ ցանկացել էր ինչ գնով էլ լինի այդ կապիկներին տեսնել։

— Իսկ պալատում եղե՞լ եք,— հարցրեց կապրալը։

— Այնտեղ հիանալի է,— պատասխանեց Շվեյկը։— Ես այնտեղ չեմ եղել, բայց այնտեղ եղած մեկը ինձ պատմել է։ Այնտեղ ամենագեղեցիկ բանը պալատական պահակախումբն է։ Ամեն մի պահակ, ասում են, երկու մետր բոյ պիտի ունենա, իսկ պաշտոնաթող լինելուց հետո տրաֆիկա է ստանում։ Իսկ իշխանուհիներն այնտեղ շնից շատ են։

Գնացքն անցավ ինչ-որ կայարանի մոտով, և այնտեղից, հետզհետե խլանալով, լսվում էին ավստրիական հիմնի հնչյունները։ Հավանաբար նվագախումբն սխալմամբ ուղարկել էին այնտեղ էշելոնին դիմավորելու, քանի որ գնացքը բավական ժամանակ անցնելուց հետո կանգ առավ մի ուրիշ կայարանում, որտեղ էշելոնին ճաշ ու հանդիսավոր դիմավորում էր սպասում։

Սակայն հանդիսավոր դիմավորումներն արդեն այն բնույթը չէին կրում, ինչ պատերազմի սկզբին, երբ ռազմաճակատ մեկնող զինվորները ճաշում էին ամեն մի կայարանում և երբ ամենուրեք նրանց դիմավորում էին իդիոտական սպիտակ շորեր հագած, էլ ավելի իդիոտական դեմքերով և նույնպիսի իդիոտական ծաղկեփնջերով հայտնվող աղջիկների ամբողջ ճտախմբեր։ Սակայն ամենից տխմարը, իհարկե, այն տիկինների ողջույնի ճառերն էին, որոնց ամուսինները ուռա-հայրենասերներ ու հանրապատականներ էին ձևանում։

Հանդիսավոր պատվիրակությունը կազմված էր Կարմիր Խաչի ավստրիական ընկերության անդամ երեք տիկիններից, Վիեննայի տիկնանց և օրիորդաց ինչ-որ զինվորական խմբակի անդամ երկու տիկիններից, Վիեննայի քաղաքապետարանի մի պաշտոնական ներկայացուցչից և մի զինվորականից։ Նրանց դեմքերը հոգնածություն էին արտահայտում։ Զինվորական էշելոնները գալիս-անցնում էին զօր ու գիշեր, վիրավորներ տանող սանիտարական գնացքները ժամանում էին ամեն ժամ, կայարաններում շարունակ մի գծից մյուսն էին փոխադրվում գերիներ տանող գնացքները, և այդ ամենի ժամանակ պետք է ներկա լինեին զանազան ընկերությունների ու կորպորացիաների ներկայացուցիչներ։ Ամեն օր տեղի էր ունենում նույնը, և սկզբնական խանդավառությանը փոխարինել էր հորանջը։ Դիմավորելու եկածներին փոխարինելու էին գալիս ուրիշները, և Վիեննայի յուրաքանչյուր կայարանում ամեն մի դիմավորող նույնքան հոգնած մարդու տեսք ուներ, որքան և Բուդեյովիցիի գնդին դիմավորողները։

Հորթատար վագոններից զինվորները դուրս էին նայում. նրանց դեմքերին կատարյալ անհուսություն էր դրոշմված, ինչպես դեպի կախաղան գնացողների դեմքերին։

Վագոններին տիկիններ էին մոտենում և զինվորներին բաժանում շաքարահացեր՝ այսպիսի շաքարատառ մակագրություններով․

«Sieg und Rache»; «Gott, strafe England»; «Der Oesterreicher hat ein Vaterland. Er liebt’s und hat auch Ursach fütr’s Vaterland zu kämpfen»[67]։

Երևում էր, թե ինչպես Կաշպերյան լեռնցիներն այդ շաքարահացերը խժռում են դեմքի նույն վհատալից արտահայտությամբ։

Այնուհետև վաշտերին հրաման տրվեց գնալ ճաշ բերել կայարանի հետևում կանգնած դաշտային խոհանոցներից։ Այնտեղ էր և սպայական խոհանոցը, ուր և դիմեց Շվեյկը օբեր-ֆելդկուրատի հրամանը կատարելու։ Հոժարականը մնացել էր գնացքում և սպասում էր, որ գան ու իրեն կերակրեն։ Պահակախմբի զինվորներից երկուսը գնացել էին ճաշ բերելու ամբողջ կալանավորական վագոնի համար։

Շվեյկը ճշտորեն կատարեց հրամանը և, ուղեգծերի վրայով անցնելիս տեսավ պորուչիկ Լուկաշին, որը հետ ու առաջ էր քայլում երկաթուղու պաստառի վրա, հուսալով, որ սպայական խոհանոցից իրեն էլ բաժին կհասնի։ Պորուչիկ Լուկաշը չափազանց տհաճ վիճակի մեջ էր, քանի որ նա և պորուչիկ Կիրշները ժամանակավորապես մի ընդհանուր սպասյակ ունեին։ Այդ տղան հոգ էր տանում միայն իր տիրոջ միասին և կատարյալ սաբոտաժ անում, երբ բանը վերաբերում էր պորուչիկ Լուկաշին։

— Ո՞ւմ համար եք տանում, Շփեյկ,— հարցրեց խեղճ պորուչիկը, երբ Շվեյկը գետին դրեց շինելի մեջ փաթաթած իրերի մի ամբողջ կույտ՝ սպայական խոհանոցից կռվով առած ռազմաավարը։

Շվեյկի լեզուն մի պահ կապ ընկավ, բայց նա արագ տիրապետեց իրեն և իր պարզ ու շիտակ դեմքով հանգիստ պատասխանեց․

— Համարձակվում եմ զեկուցել, ձեզ համար, պարոն օբեր-լեյտենանտ։ Միայն թե չեմ կարողանում իմանալ, թե որտեղ է ձեր կուպեն, և, բացի դրանից, չգիտեմ, թե գնացքի պարետը չի՞ առարկի, որ ես գնամ ձեզ հետ։ Շա՜տ խոզ մարդ է։

Պորուչիկ Լուկաշը հարցականորեն նայեց Շվեյկին, որը շարունակեց մտերմավարի ու բարեհոգաբար.

— Իսկական խոզ է, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ նա շրջագայում էր գնացքը, ես նրան անմիջապես զեկուցեցի, թե արդեն ժամը տասնմեկն է, իմ նստելու ժամանակն արդեն անցել է, և ես պետք է գտնվեմ հորթերի վագոնում և կամ ձեզ մոտ։ Իսկ նա չափազանց կոպիտ կերպով խոսքս կտրեց, թե, մեջ մի ընկիր և մնա տեղդ նստած։ Ասաց, թե այդպիսով գոնե ձեզ նորից չեմ խայտառակի։ Պարո՛ն օբեր-լեյտենանտ։— Շվեյկը տառապյալի կերպարանքով ծռմռեց բերանը։— Կարծես երբևէ ես ձեզ խայտառակել եմ, պարոն օբեր-լեյտենանտ։

Պորուչիկ Լուկաշը հառաչեց։

— Երբևէ չի պատահել, որ ես ձեզ խայտառակեմ,— շարունակեց Շվեյկը։— Եթե մի բան էլ պատահել է, ապա պարզապես եղել է պատահականություն, «աստվածային նախախնամություն», ինչպես ասաց Պելգրժիմովում ապրող ծերունի Վանիչեկը, երբ նրան երեսունվեցերորդ անգամ բանտ նստեցրին։ Ես երբեք ոչ մի բան դիտմամբ չեմ արել։ Ես միշտ ջանացել եմ, որ ամեն բան ավելի հաջող ու ավելի լավ անեմ։ Մի՞թե ես մեղավոր եմ, որ դրանից մենք երկուսս օգուտի փոխարեն միայն ցավ ու տառապանք ենք տեսել։

― Միայն թե լաց մի լինեք, Շվեյկ,— մեղմորեն ասաց պորուչիկ Լուկաշը, երբ նրանք երկուսով մոտեցան շտաբի վագոնին։— Ես այնպես կանեմ, որ դուք նորից ինձ մոտ լինեք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես լաց չեմ լինում։ Միայն թե շատ ցավում եմ, որ մենք երկուսս այս պատերազմում և ամբողջ աշխարհում ամենադժբախտ մարդիկ ենք և երկուսս էլ դրանում մեղք չունենք։ Երբ միտք եմ անում, թե որքան դաժան է բախտը, որ ես, ի ծնե այդպես ջանասեր լինելով…

— Հանգստացեք, Շվեյկ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ եթե ենթակարգությունը չլիներ, ես կասեի, թե ոչ մի կերպ չեմ կարող հանգստանալ, բայց, համաձայն ձեր հրամանի, արդեն բոլորովին հանգստացա։

— Դե՛հ, մտեք, ուրեմն, վագոն։

— Ճիշտ այդպես, արդեն մտնում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։


Մոստի զինվորական ճամբարում գիշերային լռություն էր։ Զինվորները բարաքներում ցրտից սրթսրթում էին, մինչդեռ սպայական տաքացրած բարաքների լուսամուտներն անտանելի շոգից կրնկի վրա բաց էին։

Առանձին օբյեկտների մոտ լսվում էին քայլելով իրենց քունը վանող պահակների ոտնաձայները։

Ներքևում, գետափին, իր պայծառ լույսերով շողշողում էր նորին մեծության մսի պահածոների գործարանը։ Այնտեղ աշխատում էին զօր ու գիշեր։ Պահածոներ պատրաստելու համար վերամշակում էին ամեն տեսակ թափոններ։ Քամին մինչև ճամբար էր հասցնում փթող ջլերի, սմբակների ու ոսկորների գարշահոտությունը, որոնցից սուպի պահածոներ էին պատրաստում։

Այն լքված տաղավարից, որտեղ խաղաղ ժամանակ մի լուսանկարիչ լուսանկարում էր այդտեղ՝ զինվորական հրաձգարանում իրենց ջահելությունն անցկացնող զինվորներին, երևում էր Լիտավայի հովիտը, և մի էլեկտրական կարմիր լապտեր առկայծում էր «Եգիպտացորենի կողրի մոտ» պոռնկատան մուտքի առաջ։ 1918 թվին, Շոպրոնիի մեծ զորախաղերի ժամանակ, էրցհերցոգ Ստեփանն իր այցելությամբ պատվել էր այդ պոռնկատունը, որտեղ ամեն օր հավաքվում էր սպայությունը։

Դա ամենապերճաշուք հասարակաց տունն էր, ուր շարքայիններն ու հոժարականները մուտք չունեին. նրանք այցելում էին «Վարդագույն տուն»-ը, որի կանաչ լապտերներն ևս տեսանելի էին լուսանկարչի լքված տաղավարից։

Ըստ աստիճանների կատարված այդ սահմանազատումը պահպանվեց և ռազմաճակատում, երբ միապետությունն իր զորքերին այլևս չէր կարող օգնել ոչ այլ ինչով, քան միայն շտաբներին կից գործող դաշտային պոռնկատներով, որոնք կոչվում էին պուֆեր։ Այդպիսով, գոյություն ունեին կայսրա-թագավորական սպայական պուֆեր, կայսրա-թագավորական ենթասպայական պուֆեր և շարքայինների կայսրա-թագավորական պուֆեր։

Լիտավայի Մոստ քաղաքը շողում էր իր լույսերով։ Լիտավայի մյուս ափին իրենց լույսերով շողում էին Կիրալուհիդան, Ցիսլայտանիան և Տրանսլայտանիան։ Այդ երկու քաղաքներում էլ, հունգարական և ավստրիական, նվագում էին գնչուական կապելաներ, մարդիկ երգում էին, պարում ու խմում։ Սրճարաններն ու ռեստորանները պայծառորեն լուսավորված էին։ Տեղական բուրժուաներն ու չինովնիկները իրենց հետ սրճարաններ ու ռեստորաններ էին տանում իրենց կանանց ու հասած աղջիկներին, և ամբողջ Լիտավայի Մոստը, Bruck an der Leite[68], ինչպես և Կիրալուհիդան իրենցից ներկայացնում էին ոչ այլ ինչ, եթե ոչ մի վիթխարի համատարած պոռնկանոց։

Սպայական բարաքներից մեկում Շվեյկը սպասում էր իր պորուչիկ Լուկաշին, որն երեկոյան գնացել էր քաղաքային թատրոն և դեռ չէր վերադարձել։ Շվեյկը նստած էր պորուչիկի արդեն բացած անկողնու վրա, իսկ նրա դիմաց, սեղանի վրա, նստել էր մայոր Վենցելի սպասյակը։

Մայոր Վենցելը ռազմաճակատից վերադարձել էր գունդ, երբ Սերբիայում, Դրինայի ափին, փայլուն կերպով ապացուցել էր իր ապաշնորհությունը։ Լուրեր էին պտտվում, թե նա հրամայել է պոնտոնային կամուրջը քանդել ու ոչնչացնել այն պահին, երբ իր գումարտակի կեսը դեռ չէր անցել մյուս ափը։ Ներկայումս նա նշանակված էր Կիրալուհիդայի զինվորական հրաձգարանի պետ և, բացի դրանից, ինչ-որ պարտականություններ էր կատարում զինվորական ճամբարի տնտեսական մասում։ Սպաների շրջանում խոսում էին, թե հիմա մայոր Վենցելն իր գործերը կարգի կբերի։ Լուկաշի և Վենցելի սենյակները գտնվում էին միևնույն միջանցքում։

Մայոր Վենցելի սպասյակ Միկուլաշեկը, անբարետես, ծաղկատար երեսով մի տղա, ճոճում էր ոտքերն ու հայհոյում.

— Այս ի՞նչ բան է, քավթառ սատանան չի գալիս ու չի գալիս․․․ Հետաքրքիր է իմանալ, թե այդ քավթառն ամբողջ գիշերը ո՞րտեղ է քարշ գալիս։ Համենայն դեպս հո կարող էր սենյակի բանալին մոտս թողնել։ Կպառկեի անկողնու վրա ու այնպիսի քեֆ կսարքե՜ի։ Մենք այնտեղ ինչքան ասես գինի ունենք։

― Ասում են, նա գողանում է,— ասաց Շվեյկը, համարձակորեն ծխելով իր պորուչիկի սիգարետները, քանի որ վերջինս նրան արգելել էր ծխամորճ ծխել։— Դու, իհարկե, կիմանաս, թե ձեր գինին որտեղից է գալիս։

— Ուր հրամայում է գնալ՝ գնում եմ,— բարալիկ ձայնով ասաց Միկուլաշեկը։— Լազարեթի համար գինու պահանջագիր է գրում, իսկ ես ստանում ու բերում եմ տուն։

― Իսկ եթե քեզ հրամայեր թալանել գնդի դրամարկղը, այդ է՞լ կանեիր,— հարցրեց Շվեյկը։— Այստեղ բերանդ շաղ ես տալիս, իսկ նրա առաջ տերևի պես դողում ես։

Միկուլաշեկը սկսեց թարթել իր մանրիկ աչքերը․

— Այդ մասին դեռ կմտածեինք։

— Այստեղ մտածելու, բան չկա, լակոտի մեկը,— գոռաց նրա վրա Շվեյկը, բայց իսկույն էլ ձայնը կտրեց։

Դուռը բացվեց, և ներս մտավ պորուչիկ Լուկաշը։ Պորուչիկը հիանալի տրամադրության մեջ էր, որը դժվար չէր նկատել այն բանից, որ նա գլխարկը դրել էր հետևի մասը դեպի առաջ արած։

Միկուլաշեկն այնպես վախեցավ, որ մոռացավ սեղանից ցած թռչել, և պատիվ տվեց նստած վիճակում, միաժամանակ մոռանալով, որ գլխին գլխարկ չկա։

— Պատիվ ունեմ զեկուցելու, ամեն ինչ միանգամայն կարգին է,— զեկուցեց Շվեյկը, ձիգ ու զգաստ կանգնելով ըստ բոլոր կանոնների, թեև սիգարետը բերանին։

Պորուչիկ Լուկաշը Շվեյկի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց և դիմեց ուղիղ դեպի Միկուլաշեկը, որն աչքերը չռած հետևում էր նրա ամեն մի շարժումին և առաջվա պես պատիվ էր տալիս սեղանին նստած։

— Պորուչիկ Լուկաշ,— ներկայացավ պորուչիկը, ոչ այնքան հաստատուն քայլերով մոտենալով Միկուլաշեկին։— Իսկ ձեր ազգանո՞ւնը։

Միկուլաշեկը լուռ էր։ Լուկաշը մի աթոռ քաշեց-մոտեցրեց իրեն, նստեց Միկուլաշեկի դեմ-դիմաց և, վարից վեր նայելով նրան, ասաց.

— Շվեյկ, հապա ճամպրուկից հանեցեք և տվեք ատրճանակս։

Մինչ Շվեյկը կպրպտեր ճամպրուկը, Միկուլաշեկը լուռ էր և միայն սարսափած նայում էր պորուչիկին։ Եթե նա ի վիճակի լիներ գիտակցելու, որ նստած է սեղանի վրա, ապա էլ ավելի կսարսափեր, քանի որ նրա ոտները դիպչում էին դիմացը նստած պորուչիկի ծնկներին։

— Ձե՛զ եմ հարցնում, ձեր անունն ի՞նչ է,— բղավեց պորուչիկը, վարից վեր նայելով Միկուլաշեկին։

Սակայն Միկուլաշեկը շարունակում էր լռել։ Ինչպես նա հետագայում պատմում էր, Լուկաշի ներս մտնելու պահին նա մի տեսակ քար էր կտրել։ Նա ուզում էր սեղանի վրայից ցած թռչել, բայց չէր կարողանում, ուզում էր պատասխանել և չէր կարողանում, ուզում էր ձեռքը ցած իջեցնել, բայց ի վիճակի չէր այդ բանն անելու։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օրեբ-լեյտենանտ,— լսվեց Շվեյկի ձայնը,— ատրճանակը լցրած չէ։

— Ուրեմն, լցրեք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, փամփուշտ չկա, և դժվար կլինի նրան սեղանի վրայից ցած բերել։ Ձեր թույլտվությամբ, պարոն օբեր-լեյտենանտ, սա պարոն մայոր Վենցելի սպասյակն է։ Երբ սպաներից որևէ մեկին տեսնում է, լեզուն կապ է ընկնում։ Առհասարակ ամաչում է խոսել։ Ծեծվելուց աչքը վախեցած երեխա է։ Մի խոսքով, լակո՛տ։ Պարոն մայոր Վենցելը քաղաք գնալիս միշտ նրան թողնում է միջանցքում։ Դրա համար էլ խեղճը սպասյակների մոտ քարշ է գալիս։ Գոնե վախենալու պատճառ ունենար, թե չէ առանձին բան ոչինչ չի արել։

Շվեյկը թքեց։ Նրա խոսելու տոնի մեջ խիստ արհամարհանք էր զգացվում Միկուլաշեկի վախկոտության և այն բանի նկատմամբ, որ նա չի կարողանում իրեն զինվորավարի պահել։

— Ձեր թույլտվությամբ,— շարունակեց Շվեյկը,— ես նրանից հոտ կքաշեմ։

Շվեյկը սեղանի վրայից ցած քաշեց Միկուլաշեկին, որը առաջվա պես տխմարավարի աչքերը չռել էր պորուչիկի վրա, նրան դրեց հատակին ու շալվարից հոտ քաշեց։

— Դեռ չի արել,— զեկուցեց Շվեյկը,— բայց արդեն սկսում է։ Կհրամայե՞ք դուրս գցել։

— Դուրս գցեք դրան, Շվեյկ։

Շվեյկը դողդողացող Միկուլաշեկին դուրս բերեց միջանցք, դուռը իր հետևից փակեց ու ասաց նրան.

— Տեսնո՞ւմ ես, դդո՛ւմ, քեզ մահից փրկեցի։ Երբ պարոն մայոր Վենցելը տուն գա, լավությանս համար ինձ մի շիշ գինի բեր։ Հանաքը մի կողմ։ Ես կյանքդ փրկեցի։ Երբ իմ պորուչիկը կոնծում է, նրանից լավ բան մի սպասի։ Այդպիսի դեպքերում ինձնից բացի ոչ ոք չի կարող նրան զսպել։

— Ես…— ուզում էր սկսել Միկուլաշեկը։

— Թսանի մեկն ես դու,— արհամարհանքով ընդհատեց նրան Շվեյկը։— Նստիր դռան շեմին ու սպասիր քո մայոր Վենցելի գալուն։

— Վերջապես վերադարձաք,— դիմավորեց Շվեյկին պորուչիկ Լուկաշը։— Ձեզ հետ խոսելիք ունեմ։ Միայն թե այդպես տխմարավարի մի ձգվեք ու կանգնեք։ Հապա նստեցեք, Շվեյկ, և թողեք ձեր «լսում եմ»-ը։ Լռեցեք և ուշադիր լսեցեք։ Գիտե՞ք որտեղ է գտնվում Կիրալուհիդայի Շապրոնյան փողոցը։ Թողեք ձեր այդ «համարձակվում եմ զեկուցել, որ չգիտեմ, պարոն պորուչիկ» խոսքը։ Եթե չգիտեք, ուրեմն և ասացեք՝ «չգիտեմ», և վերջ։ Հապա գրեցեք մի թղթի կտորի վրա։ Շապրոնյան փողոց, №16։ Այդ տան ներքևի հարկում երկաթեղեն են վաճառում։ Գիտե՞ք ինչ է երկաթեղենի վաճառք… Գրո՛ղը տանի, մի ասեք «համարձակվում եմ զեկուցել», ասացեք՝ «գիտեմ» կամ «չգիտեմ»։ Ուրեմն, գիտե՞ք, թե ինչ է երկաթեղենի վաճառք։ Գիտեք։ Շա՛տ չավ։ Այդ խանութը պատկանում է մի մաջարի, ազգանունը Կակոն, որն այդ տանն էլ ապրում է, լսե՞լ եք։ Չեք լսել, գրո՛ղը տանի։ Բայց ահա ես ձեզ ասում եմ, որ նա ապրում է այդ տանը։ Հասկացա՞ք։ Հասկացաք, շա՛տ լավ։ Իսկ եթե չհասկանայիք, ես ձեզ հաուպտվախտ կնստացնեի։ Գրեցի՞ք, որ այդ սուբյեկտի ազգանունն, է Կակոն։ Եվ այսպես, վաղն առավոտյան, ժամը մոտավորապես տասին, կգնաք քաղաք, կգտնեք այդ տունը, կբարձրանաք երկրորդ հարկ, և ահա այս նամակը կհանձնեք տիկին Կակոնին։

Պորուչիկ Լուկաշը բացեց թղթապանակը և, հորանջելով, Շվեյկին մեկնեց մի սպիտակ, կնքված ծրար, որի վրա ոչ մի հասցե չէր նշանակված։

— Չափազանց կարևոր գործ է, Շվեյկ,— խրատում էր նրան պորուչիկը։— Զգուշությունը լավ բան է, այդ պատճառով էլ, ինչպես տեսնում եք, ծրարի վրա հասցեն չի նշված։ Ձեզ լիովին վստահում և հավատացած եմ, որ նամակը տեղ կհասցնեք ինչպես հարկն է։ Ձեզ համար գրեցեք և այն, որ այդ տիկնոջ անունն է Էտելկա։ Գրեցեք, տիկին Էտելկա Կակոն։ Նկատի ունեցեք, որ այդ նամակը պետք է հանձնեք գաղտնի, ինչ էլ որ լինի։ Եվ պետք է սպասեք պատասխանին։ Նամակում գրված է, որ դուք սպասելու եք պատասխանին։ Ի՞նչ էիք ուզում ասել։

― Իսկ եթե ինձ պատասխան չտան, պարոն օբեր-լեյտենանտ, այդ դեպքում ի՞նչ անեմ։

— Ասացեք, որ ինչ ուզում է լինի՝ պետք է պատասխան ստանաք,— ասաց պորուչիկը, նորից լիաբերան հորանջելով։— Է՛հ, գնամ քնեմ, այսօր խիստ հոգնել եմ։ Ինչքա՜ն խմեցինք։ Կարծում եմ, ամեն մարդ էլ այդպիսի երեկո և գիշեր անցկացնելուց հետո կհոգնի։

Պորուչիկ Լուկաշը սկզբում բոլորովին մտադրություն, չէր ունեցել որևէ տեղ երկար մնալու։ Իրիկնադեմին ճամբարից գնաքել էր քաղաք, ցանկանալով գնալ միայն Կիրալուհիդայի հունգարական թատրոնը, որտեղ ինչ-որ հունգարական օպերետ էին ներկայացնում։ Այնտեղ գյխավոր դերերը կատարում էին չաղլիկ հրեուհիներ, որոնք ունեին այն վիթխարի բարեմասնությունը, որ պարելիս ոտքերնին գլխներից վեր էին թռցնում և չունեին ո՛չ տրիկո, ո՛չ վարտիք, իսկ պարոն սպաներին ավելի հրապուրելու համար մազմուզը թրաշում էին թաթարուհիների պես։ Գալյորկան, իհարկե, այդ բավականությունից զուրկ էր, բայց այդ տեսարանը առավել մեծ բավականություն էր պատճառում պարտերում նստած հրետանու սպաներին, որոնք այդ գեղեցիկ թամաշայից ոչ մի մանրամասնություն բաց չթողնելու համար իրենց հետ հրետանային պրիզմավոր հեռադիտակներ էին բերում թատրոն։

Պորուչիկ Լուկաշին, սակայն, այդ հետաքրքրական խոզությունը չէր գրավում, քանի որ թատրոնում նրա վարձու հեռադիտակը ախրոմատիկ չէր, և նա ազդրերի փոխարեն միայն ինչ-որ մանիշակագույն վետվետացող բծեր էր տեսնում։

Առաջին գործողությունից հետո, ընդմիջման ժամանակ, նրա ուշադրությունը գրավեց մի տիկին, որ քայլում էր միջին տարիքի մի պարոնի հետ և նրան քարշ տալիս դեպի հանդերձարան, եռանդագին պնդելով, թե հարկավոր է անմիջապես տուն գնալ, քանի որ այլևս այդպիսի բաներ տեսնելու ցանկություն չունի։ Նա, բավական բարձրաձայն, խոսում էր գերմաներեն, իսկ նրա ուղեկիցը պատասխանում էր հունգարերեն։

— Այո, հրեշտակս, գնանք, դու իրավացի ես։ Դա իրոք որ անախորժ տեսարան է։

— Es ist ekelhaft![69],— վրդովվում էր տիկինը, մինչ կավալերը բռնած պահում էր նրա մանտոն։

Տիկնոջ խոշոր, սև աչքերի մեջ, որոնք այնպես ներդաշնակում էին նրա հոլանի մարմնին, վրդովմունք էր հուրհրատում հիշյալ անամոթության նկատմամբ։ Այդ միջոցին նա նայեց պորուչիկ Լուկաշին և մի անգամ էլ վճռականորեն ասաց.

— Ekelhaft, wirklich ekelhaft![70]

Այդ պահը սկիզբ դրեց մի կարճատև ռոմանի։ Պորուչիկ Լուկաշը հանդերձապահուհուց իմացավ, որ նրանք մարդ ու կին են և որ նրա ամուսին Կակոնը Շապրոնյան փողոցի №16 տան տակ երկաթեղենի խանութ ունի։

― Իսկ նա պանի Էտելկայի հետ ապրում է երկրորդ հարկում,— հայտնեց հանդերձապահուհին հին կավատուհու լավատեղյակությամբ։— Տիկինը Շոպրոն քաղաքից եկած գերմանուհի է, իսկ ամուսինը՝ մաջար։ Այստեղ բոլորն իրար են խառնվել։

Պորուչիկ Լուկաշը հանդերձարանից վերցրեց շինելը և գնաց քաղաք։ Այնտեղ նա «Էրցհերցոգ Ալբրեխտ» ռեստորանում հանդիպեց Իննսունմեկերորդ գնդի սպաներին։ Նա խոսում էր քիչ, բայց շատ խմում և լուռ խորհում, թե արդյոք ի՞նչ գրի այդ խստաբարո, բարոյապես բարձր ու գեղեցիկ տիկնոջը, որը նրան շատ ավելի էր հրապուրում, քան բոլոր բեմական կապիկները, ինչպես օպերետային դերասանուհիներին անվանում էին սպաները։

Հույժ բարձր տրամադրությամբ պորուչիկը գնաց «Սուրբ Ստեֆանի խաչի մոտ» փոքրիկ սրճարանը, զբաղեցրեց մի առանձին կաբինետ, այնտեղից դուրս քշելով ոմն ռումինուհու,― որն ասում էր, թե ոտից-գլուխ կմերկանա և նրան թույլ կտա անել ինչ սիրտը կամենա,— պատվիրեց բերել թանաք, գրիչ, նամակի թուղթ ու մի շիշ կոնյակ և, գրելիքը հանգամանորեն խորհելուց հետո, գրեց հետևյալ նամակը, որը նրա կարծիքով, ամենահաջողն էր այն բոլոր նամակներից, որ նա երբևէ գրել էր.

«Ողորմա՛ծ տիրուհի։ Երեկ քաղաքային թատրոնում ես ներկա էի այն ներկայացմանը, որը Ձեզ այնպիսի վրդովմունք էր պատճառել։ Ամբողջ առաջին գործողության ընթացքում ես հետևում էի Ձեզ և Ձեր ամուսնուն։ Ինչպես ես նկատեցի…»։

«Ի՞նչ իրավունքով այդ սուբյեկտն այդքան հրապուրիչ կին ունի,— ինքն իրեն ասաց պորուչիկ Լուկաշը։— Չէ՞ որ նա նման է թրաշված շնակապիկի…»։

Եվ նա գրեց.

«Ձեր ամուսինը ոչ առանց բավականության և կատարյալ բարեհաճությամբ դիտում էր այն բոլոր գարշելիությունները, որոնցով, ողորմա՛ծ տիրուհի, լի էր պիեսը, որը Ձեզ վրդովմունք ու զայրույթ պատճառեց, քանի որ դա ոչ թե արվեստ էր, այլ մի նողկալի ոտնձգություն մարդկային ամենանվիրական զգացմունքների նկատմամբ․․․»։

«Սքանչելի կուրծք ունի,— մտածեց պորուչիկ Լուկաշը։— Է՛հ, ինչ ուզում է թող լինի»։

«Ներեցեք ինձ, ողորմա՛ծ տիրուհի, որ, Ձեզ հետ ծանոթ չլինելով, սիրտս բացում եմ Ձեր առաջ։ Ես կյանքումս շատ կանայք եմ տեսել, սակայն նրանցից ոչ մեկն այնպիսի տպավորություն չի գործել ինձ վրա, ինչպես Դուք, քանզի Ձեր և իմ աշխարհայացքն ու դատողությունները միանգամայն համընկնում են։ Ես խորապես համոզված եմ, որ Ձեր ամուսինը մի կատարյալ եսասեր է, որն իր հետ Ձեզ քարշ է տալիս․․․»։

— «Այդպես լավ չէ,— ինքն իրեն ասաց պորուչիկ Լուկաշը, ջնջեց «Իր հետ քարշ է տալիս»-ը և փոխարենը գրեց.

«…որն իր անձնական շահերից ելնելով՝ Ձեզ տանում է այնպիսի թատերական ներկայացումների, որոնք տուրք են տալիս միայն իր ճաշակին։ Ես սիրում եմ շիտակություն և անկեղծություն, բնավ չեմ խառնվում Ձեր անձնական կյանքին և կցանկանայի Ձեզ հետ մտերմաբար խոսել մաքուր արվեստի մասին․․․»։

«Այստեղի հյուրանոցներում դա անհարմար է։ Ստիպված պիտի լինեմ նրան տանել Վիեննա,— մտածեց պորուչիկը։— Գործուղում կվերցնեմ»։

«Ուստի և համարձակվում եմ, տիրուհի՛, Ձեզ խնդրել, որ նշեք, թե ո՛րտեղ և ե՛րբ կկարողանայինք հանդիպել, որպեսզի հնարավորություն ունենայինք ավելի մոտիկից ծանոթանալու։ Դուք դա չեք մերժի մի մարդու, որին ամենամոտիկ ապագայում սպասում են ռազմական դժվարին արշավանքներ և որը Ձեր մեծահոգի համաձայնության դեպքում մարտի թունդ պահին կպահպանի սքանչելի հուշն այն հոգու, որը նրան հասկանում էր նույնքան խորապես, որքան և նա նրան։ Ձեր վճիռն ինձ համար հրաման կլինի, Ձեր պատասխանը՝ վճռորոշ պահ իմ կյանքում»։

Նա ստորագրեց, խմեց-վերջացրեց կոնյակը, պատվիրեց մի նոր շիշ, դանդաղ կարդաց նամակը, պարպելով գավաթ-գավաթի հետևից, և նույնիսկ անկեղծորեն արտասվեց, երբ հասավ վերջին տողերին։

Արդեն առավոտվա ժամը ինն էր, երբ Շվեյկը պորուչիկ Լուկաշին արթնացրեց։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— դուք քնով անցաք և ուշացաք գործից, իսկ իմ էլ գնալու ժամանակն է, որ ձեր նամակը տանեմ Կիրալուհիդա։ Ես ձեզ արդեն արթնացրել եմ ժամը յոթին, հետո յոթ և կեսին, ապա ութին, երբ Բոլորը գնացին գործի, իսկ դուք շարունակ մյուս կողքի վրա էիք շուռ գալիս։ Պարոն օբեր-լեյտենանտ, է՛յ, պարոն օբեր-լեյտենանտ․․․

Ինչ-որ բան փնթփնթալով, պորուչիկ Լուկաշն ուզում էր նորից շրջվել մյուս կողքի վրա, բայց դա նրան չհաջողվեց, Շվեյկն անգթաբար ցնցեց նրան և գոռաց ուղիղ ականջի մեջ․

— Պարոն օբեր-լեյտենանտ, ուրեմն գնում եմ այս նամակը տանեմ Կիրալուհիդա։

Պորուչիկը հորանջեց։

— Նամա՞կը։ Ախ, հա՛։ Բայց դա գաղտնիք է։ Գաղտնիք երկուսիս մեջ։ Գնացեք…

Պորուչիկը փաթաթվեց վերմակի մեջ, որ նրա վրայից քաշել էր Շվեյկը, և նորից քնեց։ Իսկ Շվեյկը դիմեց դեպի Կիրալուհիդա։

Շապրոնյան փողոցը և №16 տունը գտնելն այնքան դժվար չէր լինի, եթե ճանապարհին Շվեյկին չհանդիպեր ծերունի սակրավոր Վոդիչկան, որ գործուղված էր գետափի զորանոցներում տեղավորված գնդացրորդների մոտ։ Մի քանի տարի առաջ Վոդիչկան ապրում էր Պրագայում, Բորշչա թաղում, և այդ հանդիպման առիթով մնում էր անել ոչ այլ ինչ, եթե ոչ միասին մտնել Բրուկի «Սև գառան մոտ» պանդոկը, որտեղ Ռուժենկա անունով մի ձանոթ չեխ մատուցողուհի կար, որին պարտք էին ճամբարում երբևէ ապրած բոլոր չեխ հոժարականները։

Սակրավոր Վոդիչկան, այդ հին խաբեբան, վերջերս նրան կավալերություն էր անում և պահում այն բոլոր երթային վաշտերի պարտահաշիվները, որոնք պետք է ճամբարից գնային։ Նա ժամանակին այցելում էր բոլոր չեխ հոժարականներին և նրանց հիշեցնում, որ առանց իրենց պարտքերը վճարելու չանհետանան մերձռազմաճակատային թոհուբոհի մեջ։

— Իսկն ասած, դու ո՞ւր ես գնում,— հարցրեց Վոդիչկան ընտիր գինու առաջին բաժակը պարպելուց հետո։

— Դա գաղտնիք է,― պատասխանեց Շվեյկը,— բայց քեզ, որպես հին բարեկամի, կարող եմ ասել…

Շվեյկը ամենայն մանրամասնությամբ նրան ամեն ինչ բացատրեց, և Վոդիչկան ասաց, թե ինքը, որպես հին սակրավոր, չի կարող Շվեյկին մենակ թողնել և ինքն էլ նրա հետ կգնա նամակը հանձնելու։

Նրանք խորասուզվեցին անցյալին վերաբերվող հոգեպարար զրույցի մեջ և, երբ արդեն ցերեկվա ժամը մեկին դուրս եկան «Սև գառան մոտ»-ից, ամեն ինչ նրանց շատ հեշտ ու հասարակ էր թվում։ Շապրոնյան փողոցի №16 տան ճանապարհին Վոդիչկան շարունակ խորին ատելությամբ խոսում էր հունգարացիների մասին և անդադրում պատմում, թե որտեղ և երբ է կռվել նրանց հետ կամ երբ և որտեղ ինչն է նրան խանգարել նրանց հետ կռվելուն։

― Մի անգամ բռնել էինք մի այդպիսի այլանդակ մաջարի կոկորդից։ Պաուսդորֆում էր, ուր մենք, սակրավորներս, գնացել էինք խմելու։ Ուզում էի գոտիով հասցնել գանգին։ Մութ էր, քանի որ գործը սկսելիս լամպի վրա մի շիշ շպրտեցինք։ Իսկ նա հանկարծ գոռում է. «Տոնդա, ախր էդ ես եմ, Պուրկրաբեկը, Տասնվեցերորդ պահեստի գնդից»։ Քիչ էր մնում սխալմունք պատահեր։ Բայց դրա վախարեն մենք այդ մաջար խեղկատակների հախից եկանք Նեզիդերյան լճի մոտ, ուր գնացել էինք սրանից մի երեք շաբաթ առաջ։ Լճի մոտ գտնվող գյուղակում բնակավորված է չգիտեմ ո՛ր հունվեդական գնդի գնդացրային զորախումբը, իսկ մենք պատահմունքի բերումով մտանք այն պանդոկը, որտեղ նրանք դիվոտածի պես պարում էին իրենց չարդաշը և կոկորդները պատռելով ոռնում իրենց «Uram, uram, Tiró uram»-ը կամ «Lanŏk, lanŏk, lanŏk a faluba»[71]-ը։ Նստեցինք նրանց դեմ-դիմաց։ Մեր զինվորական գոտիները դրինք սեղանի վրա, մեր առաջ, և մեր մեջ ասում ենք. «Սպասեցեք, շա՛ն որդիներ, մենք ձեզ «լանոկ» ցույց կտանք»։ Իսկ մերոնցից մեկը, Մեյստրշիկը, որն այնպիսի բռունցք ունի, որ Սպիտակ սարը քեզ օրինակ, հենց այդ ժամանակ ասաց, թե դուրս կգա պարելու և այդ շրջմոլիկներից որևէ մեկի քթի տակից կխլի նրա աղջկան։ Իսկ աղջիկները ուզածիդ պես մեծաքամակ, մեծասրունք, մեծազդր ու մեծաչյա։ Այդ սրիկա մաջարների ամուր գրկելուց ու հուպ տալուց երևում էր, որ նրանց ծծերը գնդակների պես պինդ են ու լիքը։ Մեր Մեյստրշիկն, ուրեմն, թռավ-մտավ պարաշրջանի մեջ և, ա՛ռ քեզ, մի հոնվեդից խլեց ամենասիրուն աղջկան։ Հոնվեդն սկսեց ինչ-որ բան փնթփնթալ, իսկ Մեյսերշիկն այնպես հասցրեց նրա ռեխին, որ նա գետին գլորվեց։ Մենք առանց երկար մտածելու վերցրինք մեր գոտիները, փաթաթեցինք ձեռքներիս, որպեսզի սվինները չկորցնենք, նետվեցինք ամենախիտ տեղը, իսկ ես տղերքին ձայն տվի. «Մեղավոր թե անմեղ, բոլորին անխտիր տվեք ինչքան ուժ ունեք»։ Եվ գործն, ախպե՛րս, առաջ գնաց ուզածիդ պես։ Մաջարներն սկսեցին լուսամուտներից դուրս նետվել։ Մենք բռնում էինք նրանց ոտներից ու նորից ներս քաշում դահլիճ։ Բոլորն էլ մի լավ կերան։ Տանուտերն ու ժանդարմն ուզում էին խառնվել այդ գործին, բայց նրանց ճաշն էլ լավ եփեցինք։ Պանդոկապետին էլ թունդ դնքստեցինք, որովհետև սկսել էր գերմաներեն հայհոյել, թե իբր ամբողջ երեկույթը փչացրինք։ Դրանից հետո գնացինք, որ գյուղում բռնենք մեր ձեռքից փախածներին ու թաքնվածներին էլ։ Նրանց ենթասպաներից մեկին գտանք գյուղի ծայրին գտնվող կալվածքի ձեղնահարկերից մեկում, խոտի դեզի մեջ թաքնված։ Նրա տեղը մեզ ասել էր իր աղջիկը, որովհետև նա պանդոկում ուրիշ աղջկա հետ էր պարել։ Այդ աղջիկը մինչև ականջները սիրահարվել էր մեր Մեյստրշիկի վրա և նրա հետ գնաց Կիրալուհիդայի կողմը, որտեղ ճանապարհին խոտանոցներ կան։ Այնտեղ աղջիկը Մեյստրշիկին քարշ էր տվել մի խոտանոց, իսկ հետո հինգ կրոն պահանջել, իսկ Մեյստրշիկն էլ հասցրել էր նրա ռեխին։ Մեյստրշիկը մեզ հասավ ճամբարի մոտ և ասաց, որ առաջ կարծում էր, թե մաջարուհիները կրքոտ են, իսկ այդ խոզը պառկել էր գերանի պես և միայն անդադար ինչ-որ բան էր բլբլացնում։

— Կարճ ասած, մաջարները խուժան մարդիկ են,— ավարտեց հին սակրավոր Վոդիչկան իր պատմությունը, որի առթիվ Շվեյկն ասաց․

— Ամեն մաջար մեղավոր չէ, որ ինքը մաջար է։

— Ինչպե՞ս թե մեղավոր չէ,— տաքացավ Վոդիչկան։— Նրանցից ամեն մեկն էլ մեղավոր է դրա համար։ Բա՜ն ասաց։ Թող մի դու ընկնեիր այն փորձանքի մեջ, որի մեջ ես ընկա դասընթացներին գնալուս առաջին օրը։ Այդ օրը ճաշից հետո մեզ նախիրի պես քշեցին-մտցրին դպրոց և մի ինչ-որ դանդալոշ սկսեց գրատախտակի վրա գծել ու մեզ բացատրել, թե բլինդաժն ինչ է, ինչպես են շինում նրա հիմքը և ինչպես կատարում չափումները։ «Իսկ վաղն առավոտյան, ասում է, եթե մեկն ու մեկն այդ բոլորը գծագրած չլինի իմ բացատրածի պես, կհրամայեմ կապել ու նստեցնել»։— «Գրո՜ղը տանի, մտածում եմ, իսկապես ասած, ինչի՞ համար ես ռազմաճակատում մտա այդ դասընթացները. ռազմաճակատից ճղելո՞ւ թե նրա համար, որ երեկոները դպրոցականի պես տետրի մեջ մատիտով գծագրեմ։ Կատաղությունս այնպես եկավ, ախպե՛րս, որ ասել չի լինի։ Չէի կարողանում նայել այն ապուշին, որ մեզ բացատրում էր։ Որ թողնեին, կատաղությունից ամեն ինչ ջարդուխուրդ կանեի։ Նույնիսկ իրիկվա սուրճին չսպասեցի, շտապեցի գնալ Կիրալուհիդա և բարկությունից միայն այն էի մտածում, թե քաղաքում մի խաղաղ գինետուն գտնեմ, այնտեղ մի լավ հարբեմ, ծեծկռտվեմ, դեբոշ սարքեմ, մեկնումեկի քիթումռութին հասցնեմ և թեթևացած սրտով տուն գնամ։ Բայց մարդս որոշում է, աստված տնօրինում։ Գետափին, այգիների մեջ, մի այդպիսի, իսկապես հարմար գինետուն գտա։ Այնտեղ այնպես խաղաղ էր, որ եկեղեցին քեզ օրինակ, ասես ամեն ինչ ստեղծված էր սկանդալի համար։ Միայն երկու հոգի կային նստած, իրար հետ խոսում էին մաջարերեն։ Դա ինձ ավելի կատաղեցրեց, և ես հարբեցի ավելի շուտ և ավելի թունդ, քան ուզում էի, և հարբածությունից նույնիսկ չնկատեցի, որ դրա կողքին մի ուրիշ գինետուն էլ կա, որտեղ, մինչև որ ես կլիցքավորվեի, մի ութ հուսար էր հավաքվել։ Հենց դրանք էլ հարձակվեցին վրաս, երբ այն առաջին երկուսի ռեխներին հասցրի։ Սրիկա հուսարները, ախպե՛րս, ինձ այնպես ջարդեցին և այնպես քշեցին բոլոր այգիների միջով, որ մինչև առավոտ չկարողացա տուն ընկնել, իսկ երբ վերջապես տեղ հասա, ինձ անմիջապես լազարեթ ուղարկեցին։ Այնտեղ խաբեցի, թե աղյուսի հորի մեջ եմ ընկել, և մի ամբողջ շաբաթ ինձ փաթաթում էին թաց սավանի մեջ, մինչև որ մեջքս լավացավ։ Չէի ցանկանա, ախպե՛րս, որ այդպիսի սրիկաների ձեռքն ընկնես։ Բա դրանք մարդ ե՞ն, իսկական անասուններ են։

— Ինչ խրթես, այն կբրդես,— ասաց Շվեյկը։— Զարմանալի չէ, որ նրանք գազազել են, քանի որ ստիպված են եղել ամբողջ գինին թողնել սեղանի վրա և մութը մթին, այգիների մեջ հետևիցդ վազ տալ։ Նրանք քո հախից պիտի գային հենց տեղում, գինեստանը, իսկ հետո դուրս շպրտեին։ Իրենց համար էլ, քեզ համար էլ ավելի լավ կլիներ, եթե քո հաշիվը մաքրեին հենց սեղանի մոտ։ Լիբենում ես մի գինեպան ծանոթ ունեի, անունը Պարոուբեկ։ Մի անգամ նրա գինետանը մի թափառական սլովակ թիթեղագործ գիհօղի խմելուց հարբում ու սկսում է աղմկել, թե շատ թույլ օղի է, թե իբր գինեպանը ջուր է խառնել։ «Եթե ես,— ասում է,— հարյուր տարի մաֆթուլով հին աման-չաման նորոգեի և իմ ամբողջ վաստակով գիհօղի առնեի ու միանգամից խմեի, դրանից հետո էլ կարող էի լարի վրայով քայլել և քեզ էլ, Պարոուբեկ, ձեոքերիս վրա տանել»։ Եվ ավելացնում է, թե Պարոուբեկը չտեսնված սրիկա ու խարդախ է։ Այդ ժամանակ Պարոուբեկը այդ թիթեղագործի գլխովն է տալիս նրա բոլոր մկնաթակարդներն ու մաֆթուլները, հետո աղավնյակիս փողոց շպրտում, իսկ փողոցում մի լավ դնքստում երկաթափեղկերն իջեցնելու ձողով։ Դնքստելով վազեցնում է մինչև Ինվալիդների հրապարակը, և այնքան է տաքացած լինում, որ Կառլինի Ինվալիդների հրապարակից քշում է մինչև Ժիժկով, այնտեղից էլ հրեական Փեչից մինչև Մալեշիցի, որտեղ, վերջապես, ձողը կոտրում է գլխին և նոր միայն վերադառնում Լիբեն։ Լա՛վ։ Բայց, տաքացած լինելով, նա մոռացել էր, որ բոլոր այցելուները մնացել են գինետանը և որ, ամենայն հավանականությամբ, այդ սրիկաներն այնտեղ կսկսեն տեր ու տնօրինություն անել։ Եվ երբ վերադարձավ իր գինետունը, համոզվեց, որ, այդպես էլ եղել է։ Գինետան երկաթափեղկը կիսով չափ իջեցրած էր, և դրա մոտ կանգնած էին երկու ոստիկաններ, որոնք գինետանը կարգ վերականգնելիս նույնպես թունդ կոնծել էին։ Գինետանը եղած-չեղածի կեսը խմել էին, փողոցում ընկած էր ռոմի դատարկ տակառիկը, իսկ դախլի տակ Պարոուրեկը գտավ երկու անասելի հարբած անձնավորություններ, որոնց ոստիկանները չէին նկատել։ Երբ Պարոուբեկը նրանց դուրս քաշեց, նրանք ուզում էին նրան երկու կրեյցեր վճարել, թե իբր դրանից ավելի չեն խմել… Ահա, թե մարդ ինչպես է պատժվում, երբ տաքանում է։ Ճիշտ այնպես, ախպե՛րս, ինչպես պատերազմում․ սկզբում մենք հակառակորդին ջարդում ենք, հետո հետևից անվերջ վազ տալիս, իսկ հետո ինքներս չենք կարողանում գլուխներս ազատել․․․

— Ես այդ սրիկաների դեմքերը լավ եմ հիշում,— ասաց Վոդիչկան։— Թե որ մի նեղ ճանապարհի վրա ձեռքս ընկնեն, ուզածիդ պես հախներից կգամ։ Երբ սակրավորը մտքում մի բան է դնում, գազանը քեզ օրինակ։ Մեզ, ախպե՛րս, այդ աշխարհազորային-մաշխարհազորային ասածների թայը չհամարես։ Ռազմաճակատում, Պերեմիշլի մոտ, մենք Էտցբահեր ազգանունով կապիտան ունեինք, այնպիսի մի սրիկա, որ աշխարհում նմանը չի գտնվի։ Եվ նա, ախպե՛րս, մեզ այնպիսի ծաղրուծանակի էր ենթարկում, որ մեր վաշտից մեկը, ազգանունը Բիտերլիխ,― թեև գերմանացի, բայց շատ լավ տղա,— նրա ձեռից ինքն իրեն խփեց։ Դե, մենք էլ որոշեցինք, որ հենց որ ռուսներն սկսեն կրակել՝ մեր կապիտան Էտցբահերին կապուտ անենք։ Եվ իսկապես, հենց որ ռուսներն սկսեցին կրակել, նրա վրա մի հինգ հատ գնդակ տժժացրինք։ Բայց ճիվաղը կատվի պես դիմացկուն էր, ստիպված եղանք երկու անգամ էլ կրակել ու գործը վերջացնել, որ հանկարծ մի բան դուրս չգա։ Այդ ժամանակ նա միայն ինչ-որ բան մրթմրթաց, և այն էլ այնպես մազալու, որ մարդ ծիծաղից կմեռներ։— Վոդիչկան ծիծաղեց։— Ռազմաճակատում ամեն օր այդպիսի բաներ լինում են։ Ընկերներիցս մեկը, որ հիմա նույնպես մեզ մոտ սակրավոր է, պատմում էր, թե երբ Բելգրադի մոտ ծառայում էր հետևակում, նրանց վաշտը գրոհի ժամանակ խփեց իրենց օբեր-լեյտենանտին, նույնպիսի շուն շանորդու, որն արշավանքի ժամանակ իր ձեռքով երկու զինվորի խփել էր միայն նրա համար, որ հալից ընկել ու չէին կարողանում առաջ շարժվել։ Տեսնելով, որ իր ճաշն եփված է, օբեր-լեյտենանտս սկսել է նահանջի ազդանշան սուլել։ Այդ ժամանակ ասում է, քիչ էր մնում ծիծաղից մեռնեինք։

Այդպիսի հետաքրքիր և ուսանելի զրույցով տարված, Շվեյկն ու Վոդիչկան, վերջապես, հասան Շոպրոնյան փողոցը և №16-ում գտան պան Կակոնի երկաթեղենի խանութը։

— Լավ կլինի դու այստեղ, սպասես,— ասաց Շվեյկը Վոդիչկային տան շքամուտքի մոտ,— ես վազեմ երկրորդ հարկը, նամակը հանձնեմ, պատասխանը ստանամ ու ձեռաց ցած իջնեմ։

— Թողնեմ մենա՞կ գնաս,— զարմացավ Վոդիչկան։— Քանի անգամ եմ ասել, ախպե՛րս, որ դու մաջարներին լավ չես ճանաչում։ Նրանցից պետք է զգույշ լինել։ Ես նրան այնպես դնքստեմ որ․․․

— Լսիր, Վոդիչկա,— լրջորեն ասաց Շվեյկը,― բանը մաջարը չէ, այլ նրա կինը։ Չէ՞ որ, երբ չեխ մատուցողուհու հետ սեղան էինք նստել ես քեզ բացատրեցի, որ իմ օբեր-լեյտենանտից նամակ եմ տանում և որ դա խիստ գաղտնի բան է։ Օբեր-լեյտենանտս ինձ երդվել է տվել, որ ոչ մի շունչ արարած այդ մասին չպիտի իմանա։ Չէ՞ որ քո մատուցողուհին էլ համաձայնեց, որ դա շատ գաղտնի գործ է, ոչ ոք չպետք է իմանա, որ օբեր-լեյտենանտը նամակագրություն ունի մի ամուսնացած կնոջ հետ։ Չէ՞ որ ինքդ էլ նրա ասածին հավանություն տվիր։ Ես ձեզ ամեն ինչ բացատրեցի, ասացի, որ ճշտությամբ պետք է կատարեմ օբեր-լեյտենանտիս հրամանը, իսկ հիմա հանկարծ որոշեցիր, որ անպայման ինձ հետ պիտի վերև բարձրանաս։

— Ինձ լավ չես ճանաչում, Շվեյկ,― նույնպես հույժ լրջորեն պատասխանեց ծերունի սակրավոր Վոդիչկան։— Քանի որ քեզ ասել եմ, որ հետդ պիտի գամ, ուրեմն մի մոռանա, որ խոսքս խոսք է։ Երկուսով միշտ էլ ավելի ապահով է։

— Բայց արի ու տես, որ ոչ․ հիմա դու կհամոզվես, որ այդպես չէ։ Վիշեգրադի նեկլապով փողոցը գիտե՞ս։ Փականագործ Վոբորնիկն այնտեղ արհեստանոց ուներ։ Աննմա՜ն մարդ էր։ Եվ մի գեղեցիկ օր, կոնծաբանությունից հետո տուն գալով, նա իր հետ մի քեֆչի մարդու բերում է իրենց մոտ գիշերելու։ Դրանից հետո նա երկար ժամանակ պառկած էր, իսկ կինն ամեն օր կապում էր նրա գլխի վերքն ու ասում. «Այ, տեսնո՞ւմ ես, Տոնիչեկ, եթե դու մենակ գայիր տուն, ես հետդ միայն մի քիչ կռիվ կանեի և տասնորդական կշեռքը գլխովդ չէի տա»։ Իսկ նա հետո, երբ արդեն կարողանում էր խոսել, նրան պատասխանեց. «Ճիշտ ես ասում, կնիկ, մյուս անգամ, երբ տեղ գնամ, էլ ոչ ոքի հետս տուն չեմ բերի»։

— Այդ էր պակաս, որ մաջարը փորձեր մեր գլխովը մի բան տալ,— զայրացավ Վոդիչկան։— Կոկորդից կբռնեմ, երկրորդ հարկից էնպես կգլորեմ, որ շրապնելի պես վժժա։ Մաջար սրիկայի հետ պետք է վճռաբար գործել։ Նրանց չպետք է երես տալ։

— Վոդիչկա, ախր դու շատ խմեցիր։ Ես քեզնից երկու քառորդ ավելի խմեցի։ Հասկացիր, որ մենք սկանդալ չպիտի սարքենք։ Ես դրա համար պատասխանատու եմ։ Չէ՞ որ գործը կնոջ է վերաբերվում։

— Նրա մռութին էլ կհասցնեմ, դա ինձ համար մեկ է։ Չէ, ախպե՛րս, դու ծերուկ Վոդիչկային չես ճանաչում։ Մի պնգամ Զաբեգլիցիում, «Վարդագույն կղզի» ռեստորանում, այդպիսի մի մռութ չուզեց հետս պարել, թե ինչ է ռեխս ուռած է։ Ռեխս, ճիշտ է, այդ ժամանակ ուռած էր, որովհետև հենց նոր էի եկել Հոստիվարի մի պարատեղից, բայց մարդ ոնց դիմանա, երբ այդպիսի մի բոզ այդպիսի վիրավորանք է հասցնում։ «Բարեհաճեցեք, մեծարգո օրիորդ,— ասում եմ,— դուք էլ վաստակել նույնը, որպեսզի չնեղանաք»։ Մի հատ որ հասցրի, օրիորդս շուռ տվեց սեղանը, որի մոտ նստած էր իր հայրիկի, մայրիկի ու երկու եղբայրների հետ։ Մի տեսնեիր բաժակներն ինչպես դես ու դեն թռան, բայց ինձ համար, ախպերս, այդ ամբողջ «Վարդագույն կղզին» հեչ բան էր։ Այնտեղ վրշովցի ծանոթ տղերք կային, նրանք էլ օգնեցին։ Դնքստեցինք մի հինգ ընտանիք իրենց երեխաներով հանդերձ։ Աղմուկն, երևի, նույնիսկ Միխլեում կլսեին։ հետո թերթերում գրեցին, թե՝ «այսինչ քաղաքի այսինչ բարեգործական ընկերության կողմից այսինչ քաղաքամերձ այգում կազմակերպված զբոսանքի ժամանակ…»։ Դրա համար էլ ուզում եմ, որ ինչպես ինձ օգնեցին, այնպես էլ ինքս միշտ պիտի օգնեմ ընկերոջս, թե որ բանը դրան հասնի։ Ինչ ուզում է լինի, քեզնից մի քայլ չեմ հեռանա։ Չէ, ախպերս, դու, մաջարներին չես ճանաչում․․․ Չէի սպասում, ախպերս, որ կուզենաս ինձ ցանել, երբ այսքան տարիներ հետո հազիվ ենք հանդիպել, այն էլ այսպիսի հանգամանքներում…

— Լավ, որ այդպես է, միասին գնանք,— որոշեց Շվեյկը։— Բայց պետք է զգույշ գործել, որ հանկարծ գլխներիս փորձանք չգա։

— Դու հանգիստ եղիր, ընկերս,— կամաց ասաց Վոդիչկան, երբ մոտեցան սանդուղքին։— Ռեխին այնպես հասցնեմ, որ…— և ավել կամաց ավելացրեց.— Ա՛յ, կտեսնես, այդ գարշելի մաջարի հաշիվը մաքրելը շատ աշխատանք չի պահանջի։

Եվ եթե շքամուտքում չեխերեն իմացող մեկը լիներ, ապա սանդուղքի վերևից անգամ կլսեր Վոդիչկայի արտասանած դևիզը, թե՝ «Դու մաջարներին լավ չես ճանաչում»,— մի դևիզ, որ ծնունդ էր առել Լիտավայի ափին, բլուրներով շրջապատված Կիրալուհիդայի այգիներում գտնվող մի խաղաղ գինետան մեջ։ Զինվորներն ամեն անգամ պիտի նզովեն Կիրալուհիդան, երբ հիշեն համաշխարհային պատերազմից առաջ և այդ պատերազմի ժամանակ տեղի ունեցած այն բոլոր «վարժությունները», որոնցով նրանց տեսականորեն պատրաստում էին գործնական ջարդերի ու կոտորածների համար։

Շվեյկն ու Վոդիչկան կանգնած էին պարոն Կականի բնակարանի դռան առաջ։ Զանգի կոճակը սեղմելուց առաջ Շվեյկն աաաց.

— Երբևէ լսե՞լ ես, Վոդիչկա, թե զգուշությունը մայրն է իմաստության։

— Դա ինձ չի վերաբերում,— պատասխանեց Վոդիչկան։— Դեռ բերանը չբացած, ես նրա…

— Ասենք, ես էլ ոչ ոքի հետ երկար-բարակ խոսելու տրամադրություն չունեմ, Վոդիչկա։

Շվեյկը զանգահարեց, և Վոդիչկան բարձրաձայն ասաց.

— Այն, ցվայ,— ու սանդուղքից ցած կթռչի։

Բացվեց դուռը, որի շեմին կանգնած աղախինը հարցրեց.

— Ի՞նչ եք ուզում։

— Nem tudom[72],— արհամարհանքով ասաց Վոդիչկան։— Չեխերեն խոսել սովորիր, աղջի։

— Verstehen Sie deutsch?[73],— հարցրեց Շվեյկը։

— A pishen[74].

— Also, sagen Sie die Frau, ich will die Frau sprechen, sagen Sie, dass ein Brief ist yon einem Herr, draussen in Kong[75]։

— Զարմանում եմ քեզ վրա,— ասաց Վոդիչկան, Շվեյկի հետևից մտնելով նախասրահ։— Ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս ամեն մի կղկղանքի հետ խոսել։

Դուռն իրենց հետևից փակելով, նրանք կանգնած էին նախասրահում, և Շվեյկն ասաց.

— Կահավորանքը վատ չի։ Կախարանի մոտ նույնիսկ երկու զոնտիկ կա, իսկ, ա՛յ, Հիսուս Քրիստոսի այն նկարն էլ վատ չի։

Այն սենյակից, որտեղից գդալների ու ափսեների զնգզնգոց էր լսվում, աղախինը նորից դուրս եկավ և Շվեյկին ասաց.

— Frau ist gesagt, dass Sie hat kein Zeit, wenn was ist dass mir geben sagen[76].

— Also,— հանդիսավորապես ասաց Շվեյկը,— der Frau ein Brief, aber halten Küschen[77].

Եվ հանեց պորուչիկ Լուկաշի նամակը։

— Ich — ասաց նա, մատնացույց անելով ինքն իրեն,— Antwort warten hier in die Vorzimmer[78].

― Իսկ ինչի՞ չես նստում,— ասաց Վոդիչկան, որ արդեն նստել էր պատի տակ դրված մի աթոռի վրա։— Այ, աթոռ։ Կանգնել է ոնց որ մուրացկան։ Մի ստորանա այդ մաջարի առաջ։ Այ, կտեսնես, ղալմաղալ է լինելու, բայց այնպես շրմփացնեմ նրան, որ…

— Լսիր,— հարցրեց փոքր-ինչ լռելուց հետո։— Այդ որտե՞ղ ես այդպես լավ գերմաներեն սովորել։

― Ինքնուս եմ,— պատասխանեց Շվեյկը։

Նորից լռություն տիրեց։ Հանկարծ այն սենյակից, ուր աղախինը տարել էր նամակը, մի զարհուրելի ճիչ և աղմուկ լսվեց։ Ինչ-որ ծանր բան թափով գետին ընկավ, ապա կարելի էր պարզ լսել ջարդուփշուր լինող ափսեների ու բաժակների շրխթրխկոց, որին միախառնվեց մի ոռնոց.

«Baszom az anyàt baszom az istenet, baszom a Kristus Marjat, baszom az atyadot, baszom a vilàgot»[79].

Դուռը կրնկի վրա բացվեց, և նամակը թափահարելով նախասրահ նետվեց անձեռոցիկը վզին կապած, միջին տարիքի մի տղամարդ։

Ծեր սակրավորն ավելի մոտ էր նստած, և գազազած պարոնը նախ հարձակվեց նրա վրա.

— Was soll das heissen, wo Ist der verfluchter Kerl, welcher dieses Brief gebracht hat?[80].

— Կամա՜ց,— ասաց Վոդիչկան, նստարանից վեր կենալով։— Շատ մի փրփրի, թե չէ դուրս կթողես։ Եթե ուզում ես իմանալ, թե նամակն ով է բերել, դիմիր ընկերոջս։ Եվ հետը մարդավարի խոսիր, թե չէ ձեռաց փողոց կնետվես։

Հիմա արդեն Շվեյկի հերթն էի համոզվելու, թե որքան պերճախոս է վզին անձեռոցիկ կրող գազազած պարոնը, որը, կատաղությունից բառերն իրար խառնելով, սկսեց բղավել, թե իրենք հենց նոր էին ճաշի նստել։

— Մենք լսում էինք, որ դուք ճաշում եք,— կոտրատված գերմաներենով նրա հետ համաձայնեց Շվեյկը, ապա չեխերեն ավելացրեց.— Մենք նույնպես մտածեցինք, թե իզուր ենք ձեզ ճաշից կտրում։

— Մի՛ ստորանա,— ասաց Վոդիչկան։

Գազազած պարոնը, որ այնպես էր ձեռքերը թափահարում, որ անձեռոցիկը վզին պահվում էր արդեն իր մի ճոթով միայն, շարունակեց, թե սկզբում ինքը կարծել է, որ նամակի մեջ խոսքը վերաբերվում էր իր կնոջը պատկանող այդ տան մեջ զորամասերին տեղ տրամադրելուն։

— Այստեղ բավական զորք կտեղավորվեր,— ասաց Շվեյկը,— բայց նամակի մեջ խոսքը դրա մասին չէ, ինչպես, հավանաբար, դուք կարողացել եք համոզվել։

Պարոնը ձեռքերով բռնեց գլուխը և կշտամբանքների մի ողջ տարափ տեղաց։ Նա ասաց, թե ինքն էլ պահեստի սպա է եղել և հիմա էլ սիրով կծառայեր, եթե երիկամները հիվանդ չլինեին։ Իր ժամանակ սպայությունն այն աստիճան սանձարձակ չէր, որ խախտեր մի ուրիշի ընտանեկան հանգիստը։ Նա այդ նամակը կուղարկի գնդի շտաբին, զինվորական մինիստրություն, կհրապարակի թերթերում…

— Պարոն,— արժանապատվորեն ասաց Շվեյկը,— այդ նամակը ես եմ գրել։ Ich geschrieben, kein Oberleutnant![81]. Ստորագրությունը կեղծված է։ Unterschrift, Name falsch[82]։ Ձեր տիկինը ինձ շատ է դուր գալիս։ Ich liebe Ihre Frau[83]։ Ես մինչև ականջներս սիրահարված եմ ձեր կնոջ վրա, որը, ինչպես կասեր Վերխլիցկին, Kapitales Frau[84].

Գազազած պարոնն ուզում էր հարձակվել Շվեյկի վրա, որ կանգնած էր հանգիստ ու գոհ տեսքով, բայց ծերունի սակրավոր Վոդիչկան, որ հետևում էր Կակոնի ամեն մի շարժումին, ոտք գցեց նրան, ձեռքից խլեց ու գրպանը խոթեց նամակը, որ նա շարունակում էր թափահարել, նրան մոտեցրեց դռանը, մի ճեռքով բացեց այն, և… ինչ-որ բան դղրդալով գլորվեց սանդուղքն ի վար։

Այդ ամենը կատարվեց այնպես արագ, ինչպես հեքիաթի մեջ գրողը գալիս է մարդու հոգին առնելու։ Գազազած պարոնից միայն անձեռոցիկը մնաց։ Շվեյկը վերցրեց այդ անձեռոցիկը և քաղաքավարաբար ծեծեց այն սենյակի դուռը, որտեղից հինգ րոպե առաջ դուրս էր եկել պարոն Կակոնը և որտեղից հիմա կանացի լացի ձայն էր լսվում։

— Անձեռոցիկը բերի,— նրբավարի ասաց Շվեյկը բազմոցի վրա հեծկլտացող տիկնոջը։— Չլինի թե կոխկռտեն… հարգանացս հավաստիքը։

Կրունկները չրխկալեն իրար խփելով և ձեռքը հովարին դնելով, նա դուրս եկավ։ Սանդուղքների վրա կռվռտոցի որևէ նկատելի հետք չէր երևում։ Ըստ երևույթին, ինչպես ենթադրել էր Վոդիչկան, ամեն ինչ հարթ ու սահուն էր կատարվել։ Միայն նախամուտքի մոտ Շվեյկը մի պատռտված օսլայած օձիք գտավ։ Հավանաբար, այն ժամանակ, երբ պարոն Կակոնը հուսահատաբար կառչել էր դարպասից, որպեսզի իրեն դուրս չքաշեն փողոց, այստեղ տեղի էր ունեցել այդ ողբերգության վերջին գործողությունը։

Սակայն, դրա փոխարեն, փողոցում իրարանցում էր։ Պարոն Կակոնին քարշ էին տվել դիմացի դարպասը և վրան ջուր էին շաղ տալիս, իսկ փողոցի մեջտեղում ծերունի սակրավոր Վոդիչկան առյուծի պես կռվում էր մի քանի հոնվեդների և հոնվեդական հուսարների հետ, որոնք հանդես էին եկել իրենց հայրենակցին պաշտպանելու։ Նա վարպետորեն երկաթե շղթայի պես ֆռռացնում էր փոկին անցրած իր սակրը։ Վոդիչկան մենակ չէր։ Նրա հետ ուս-ուսի կովում էին զանազան գնդերի պատկանող մի քանի չեխ զինվորներ, որ այդ ժամանակ անցնելիս էին եղել նրանց մոտով։

Շվեյկը, ինչպես հետագայում նա պնդում էր, ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց կռվի ամենախիտ տեղում և թե ինչպես ձեռքն ընկավ մի ինչ-որ շվարած ավարայի ձեռնափայտը (Շվեյկը սակր չուներ)։

Կռիվը բավական երկար տևեց, սակայն ամեն մի լավ բան վերջ է ունենում։ Վրա հասավ ոստիկանների պարեկը և բոլորին ձերբակալեց։

Շվեյկը քայլում էր Վոդիչկայի հետ կողք-կողքի, տանելով ձեռնափայտը, որը պարեկի պետն համարել էր corpus dilecti[85]։

Շվեյկը քայլում էր գոհ մարդու տեսքով, ձեռնափայտը հրացանի պես ուսին դրած։

Ծերունի սակրավոր Վոդիչկան ամբողջ ճանապարհին համառորեն լռում էր և միայն հաուպտվախտ մտնելիս մտախոհ ասաց Շվեյկին.

— Ասում էի, չէ՞, որ դու մաջարներին լավ չես ճանաչում։


Նոր տառապանքներ

Գնդապետ Շրեդերը ոչ առանց բավականության դիտում էր պորուչիկ Լուկաշի սփրթնած դեմքն ու աչքատակերի խոշոր կապույտները։ Պորուչիկ Լուկաշը շփոթմունքից գնդապետին չէր նայում և աչքի տակով, ասես ինչ-որ բան ուսումնասիրելով, դիտում էր ճամբարի զորամասերի տեղաբաշխման պլանը, որը գնդապետի գրասենյակի միակ զարդն էր։

Գնդապետի առաջ գտնվող սեղանի վրա ընկած էին մի քանի թերթեր՝ կապույտ մատիտով ընդգծված հոդվածներով։ Գնդապետը նորից աչքի անցրեց այդ հոդվածները և ապա, սևեռուն հայացքով նայելով պորուչիկ Լուկաշին, ասաց.

― Եվ այսպես, ձեզ արդեն հայտնի՞ է, որ ձեր սպասյակ Շվեյկը ձերբակալված է և նրա գործը, հավանաբար, կհանձնվի դիվիզիական դատարանին։

— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։

— Բայց դրանով, իհարկե, հարցը չի սպառվում,— բազմանշանակալից ասաց գնդապետը, բավականությամբ նայելով պորուչիկ Լուկաշի էլ ավելի սփրթնող դեմքին։— Տեղիս հասարակայնութսունը վրդովված է ձեր սպասյակի միջադեպով, և այդ ամբողջ պատմությունը կապվում է ձեր անվան հետ, պարոն պորուչիկ։ Այդ գործի առթիվ մենք դիվիզիայի շտաբից նյութ ենք ստացել։ Ահա այն թերթերը, որ գրում են այդ միջադեպի մասին։ Բարձրաձայն կարդացեք ինձ համար։

Գնդապետը Լուկաշին հանձնեց ընդգծված հոդվածներ պարունակող թերթերը, և պորուչիկն սկսեց կարդալ այնպես, որ կարծես մանկական ընթերցագրքից կարդում էր հետևյալ նախադասությունը. «Մեղրը շատ ավելի սննդարար է և ավելի հեշտ է մարսվում, քան շաքարը»։

— «Որտե՞ղ է մեր ապագայի երաշխիքը»։

― Դա «Պեստեր կոյդ»-ի մե՞ջ է,― հարցրեց գնդապետը։

— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը և շարունակեց կարդալ.

«Պատերազմի վարումը պահանջում է Ավստրո-Հունգարական միապետության բնակչության բոլոր խավերի համատեղ ջանքեր։ Եթե մենք ցանկանում ենք ապահովել մեր պետության անվտանգությունը, ապա բոլոր ազգերը պետք է զորավիգ լինեն իրար։ Մեր ապագայի երաշխիքը գտնվում է մի ժողովրդի կողմից մյուսին հարգելու մեջ։ Մեր քաջարի մարտիկների վիթխարի զոհերը ռազմաճակատներում, որտեղ նրանք անդադրում առաջ են շարժվում, հնարավոր չէին լինի, եթե թիկունքը, մեր փառապանծ բանակների այդ տնտեսական ու քաղաքական զարկերակը, միաձույլ չլիներ, եթե մեր բանակների թիկունքում գլուխ բարձրացնեին այնպիսի տարրեր, որոնք խարխլում են մեր պետության միասնությունը, իրենց չարանենգ ագիտացիայով սասանում պետականորեն միասնականի հեղինակությունը և պառակտում մտցնում մեր միապետության ժողովուրդների համերաշխության մեջ։ Այս պատմական րոպեներին մենք չենք կարող լռությամբ նայել մի բուռ մարդկանց, որոնք տեղական նացիոնալիզմի նկատառումներից ելնելով՝ փորձում են խանգարել մեր միապետության բոլոր ժողովուրդների համերաշխ աշխատանքը, որ նրանք կատարում են արդարացիորեն պատժելու համար այն սրիկաներին, որոնք առանց որևէ պատճառի հարձակվեցին մեր հայրենիքի վրա, որպեսզի նրանից խլեն բոլոր կուլտուրական արժեքներն ու քաղաքակրթության նվաճումները։ Մենք չենք կարող լռությամբ անցնել վատառողջ հոգեբանության տեր այն անձանց նողկալի արարքների կողքով, որոնց միակ նպատակն է խորտակել մեր ժողովուրդների միահամուռությունը։ Մենք արդեն բազմիցս մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ զինվորական իշխանությունները ստիպված են ամենախիստ միջոցների դիմելու չեխական գնդերում գտնվող առանձին անձանց նկատմամբ, որոնք, արհամարհելով իրենց գնդերի փառապանծ տրադիցիաները, մեր հունգարական քաղաքներում իրենց անկարգություններով ատելություն են հարուցում ամբողջ չեխ ժողովրդի դեմ, որը ամբողջովին վերցրած ոչ մի մեղք չունի և որը միշտ հաստատ կանգնած է եղել ի պաշտպանություն մեր կայսրության շահերի, մի բան, որին որպես ապացույց կարող են ծառայել չեխերի միջից հանդես եկած մի շարք նշանավոր զորավարներ։ Հիշենք միայն փառապանծ ֆելդմարշալ Ռադեցկուն և Ավստրո-Հունգարական պետության մյուս պաշտպաններին։ Այդ պայծառ անձնավորություններին հակադրվում են չեխ ժողովրդի տականքներից ելած մի խումբ սրիկաններ, որոնք ազտվեցին համաշխարհային պատերազմից, որպեսզի որպես կամավորներ մտնեն բանակ, նպատակ ունենալով գժտություն առաջացնել միապետության ժողովուրդների միջև, դրանով հագուրդ տալով իրենց ստոր բնազդներին։ Մենք արդեն ընթերցողների ուշադրությունը հրավիրել ենք այն դեբոշիրության վրա, որ ցուցաբերել է Դեբրեցինի N գունդը, որի անկարգությունները դատապարտվել են Բուդապեշտի պառլամենտում, մի գունդ, որի դրոշակը հետագայում ռազմաճակատում … (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Ո՞ւմ խղճի վրա է ծանրացած այդ խայտառակությունը… (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Ո՞վ է չեխ զինվորներին դրդել… (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Թե մինչև ո՞ւր է հասել եկվոր տարրի հանդգնությունը մեր հայրենի հունգարական հողում, շատ լավ ցույց է տալիս Կիրալուհիդա քաղաքում, Լիտավայի ափին գտնվող հունգարական «կղզյակում» տեղի ունեցած միջադեպը։ Ի՞նչ ազգության էին պատկանում Լիտավայի Մոստ քաղաքի մոտ գտնվող զինվորական ճամբարի այն զինվորները, որոնք հարձակվել են տեղիս առևտրական Դյուլյու Կակոնի վրա և ծեծել նրան։ Իշխանությունների պարտքն է հետաքննել այդ ոճրագործությունը և դիվիզիայի հրամանատարությունում, որն անկասկած արդեն զբաղվում է այդ գործով, պարզել, թե հունգարական թագավորության հպատակների դեմ ուղղված այդ անլուր հալածանքի մեջ ի՞նչ դեր է կատարում պորուչիկ Լուկաշը, որի անունը քաղաքում կապվում է վերջին օրերի իրադարձությունների հետ, ինչպես մեզ հաղորդեց, մեր տեղական թղթակիցը, որն արդեն հարուստ նյութ է հավաքել ներկա պատասխանատու մոմենտին պարզապես աղաղակող այդ գործի առթիվ։ «Պեստեր Լլոյդ»-ի ընթերցողներն անկասկած հետաքրքրությամբ կհետևեն հետաքննության ընթացքին, և մենք չենք հապաղի նրանց մոտիկից ծանոթացնել բացառիկ նշանակություն ունեցող այդ իրագարձություններին։ Միաժամանակ մենք սպասում ենք Կիրալուհիդայում հունգարական բնակչության դեմ կատարված այդ հանցագործություններին վերաբերող պաշտոնական հաղորդագրությունների։ Մենք չենք տարակուսում, որ Բուդապեշտի պառլամենտն ինքը կզբաղվի այդ գործով, որպեսզի, վերջապես, բոլորի համար պարզ դառնա, որ հունգարական թագավորության միջով ռազմաճակատ գնացող չեխ զինվորները չեն համարձակվի սուրբ Ստեֆանի երկիրն համարել իրենց կողմից վարձակալված մի երկիր։ Եթե այդ ազգությանը պատկանող որոշ անձնավորություններ, որոնք Կիրալուհիդայում այնպես վա՜ռ կերպով ցուցահանեցին Ավստրո-Հունգարական միապետության բոլոր ժողովուրդների «համերաշխությունը», դեռ հիմա էլ հաշվի չեն առնում սիտուացիան, ապա մենք նրանց խորհուրդ կտայինք հանդարտվել, քանզի պատերազմական ժամանակի պայմաններում գնդակը, կախաղանի օղակը, դատարանն ու սվինը նրանց կստիպեն հնազանդվել մեր ընդհանուր հայրենիքի բարձր շահերին»։

— Ո՞վ է ստորագրել այդ հոդվածի տակ, պարոն պորուչիկ։

— Խմբագիր և դեպուտատ Բելա Բարաբաշը, պարոն գնդապետ։

— Հի՜ն սրիկա է։ Բայց նախքան «Պեստեր Լլոյդում» լույս տեսնելը, այդ հոդվածը տպագրվել է «Պեշտի Խիրլապ»-ում։ Հիմա կարդացեք ինձ համար «Շոպրոնի Նապլո» թերթում տպագրված հունգարերեն հոդվածի պաշտոնական թարգմանությունը։

Պորուչիկ Լուկաշը սկսեց կարդալ հոդվածը, որն հեղինակը մեծ ջանասիրությամբ զարդարել էր այսպիսի արտահայտություններով. «Պետական իմաստության թելադրանք», «պետական կարգուկանոն» և «մարդկային այլասերություն», «ցեխին հավասարեցված մարդկային արժանապատվություն ու զգացմունք», «մարդակերների խրախճանք», «հասարակության լավագույն ներկայացուցիչների ջարդ», «մամլյուկների ոհմակ», «անդրկուլիսյան մեքենայություններ»։ Այնուհետև ամեն ինչ ներկայացված էր այն ոգով, որ իբր մաջարներն իրենց հայրենի երկրում հալածված են ավելի, քան մնացած բոլոր ազգությունները։ Կարծես բանն այնպես է եղել, որ եկել են չեխ զինվորները, գետին գլորել խմբագրին, իրենց կոշիկներով հարվածներ տեղացել նրա փորին, իսկ նա, այդ դժբախտը, ցավից գռռացել է, և ինչ-որ մեկը սղագրել է այդ ամենը։

«Մի շարք լրջագույն փաստերի մասին,— նվնվում էր Շոպրոն քաղաքի «Շոպրոնի Նապլո» թերթը,— մեզ մոտ խոհեմաբար լռում են և ոչինչ չեն գրում։ Յուրաքանչյուր ոք գիտե, թե ինչ է չեխ զինվորը հունգարիայում և ինչպիսին է նա ռազմաճակատում։ Մեզ բոլորիս հայտնի է, թե ինչեր են անում չեխերը, ինչպիսի տրամադրություններ կան չեխերի շրջանում և դրա մեջ ում մատն է խառը։ Ճիշտ է, իշխանությունների զգոնությունը զբաղված է առաջնահերթ կարևորություն ունեցող այլ գործերով, բայց և այնպես այն պետք է ինչպես հարկն է զուգակցված լինի ընդհանուր հսկողությանը, որպեսզի այլևս չկրկնվի այն, ինչին մենք օրերս ականատես եղանք Կիրալուհիդայում։ Երեկվա մեր հոդվածից ցենզուրան տասնհինգ տեղ ջնջել էր։ Մեզ մնում է ոչ այլ ինչ, եթե ոչ հայտարարել, որ տեխնիկական պատճառներով մենք այսօր ևս հնարավորություն չունենք լայնորեն լուսաբանելու Կիրալուհիդայի իրադարձությունները։ Մեր կողմից ուղարկված թղթակիցը տեղում համոզվել է, որ իշխանությունները եռանդով սկսել են զբաղվել այդ գործով և հետաքննությունը վարում են արագ տեմպով։ Մեզ զարմացնում է միայն այն, որ այդ խոշտանգման որոշ մասնակիցներ մինչև հիմա ձերբակալված չեն։ Դա առանձնապես վերաբերվում է այն պարոնի, որը, մեր լսելով, անպատիժ ապրում է ճամբարում և մինչև հիմա կրում իր «թութակային գնդի» լամբակները։ Նրա ազգանունը երեք օր առաջ հիշատակվել է «Պեստեր Լլոյդ» և «Պեշտի Նապլո» թերթերում։ Դա տխրահռչակ չեխ շովինիստ Լուկաշն է, որի սանձարձակ արարքների մասին Կիրալուհիդայի շրջանի դեպուտատ Գետա Շավանը հարցապնդում կանի»։

— Այդպիսի սիրալիր տոնով, պարոն պորուչիկ,— ասաց գնդապետ Շրեդերը,— ձեր մասին գրում են Կիրալուհիդայում հրապարակվող շաբաթաթերթը և Պրեսբուրգի թերթերը։ Բայց, կարծում եմ, դա ձեզ արդեն չի հետաքրքրի, քանի որ բոլորն էլ նույն երգն են երգում։ Քաղաքական տեսակետից դա հեշտ, է բացատրել, քանի որ ավստրիացիներս, գերմանացի թե չեխ, այսպես թե այնպես հունգարացիներին հակառակ ենք… Դուք ինձ հասկանում եք, պարոն պորուչիկ։ Դրա մեջ նկատելի է մի որոշակի տենդենց։ Ձեզ ամենից ավելի կարող է հետաքրքրել «Կոմարնոի իրիկնաթերթ»-ի հոդվածը, որի մեջ պնդում են, թե դուք փորձել եք տիկին Կակոնին բռնաբարել ուղղակի ճաշասենյակում, ճաշի ժամանակ, նրա ամուսնու աչքի առաջ, որին, թրով սպառնալով, հարկադրել եք երեսսրբիչով փակել կնոջ բերանը, որ չճչա։ Դա ձեզ վերաբերվող ամենավերջին լուրն է, պարոն պորուչիկ։

Գնդապետը քմծիծաղ տվեց և շարունակեց.

— Իշխանություններն իրենց պարտքը չեն կատարել։ Տեղիս թերթերի նախնական ցենզուրան ևս հունգարացիների ձեռքին է։ Նրանք մեզ հետ ինչպես ուզում վարվում են։ Մեր սպան անպաշտպան է հունգարացի ոչ զինվորական անպատկառ ժուռնալիստի վիրավորանքների հանդեպ։ Եվ միայն մեր վճռական դեմարշից, բայց գուցե և մեր դիվիզիական դատարանի հեռագրից հետո Բուդապեշտի պետական դատախազությունը համապատասխան քայլերի է դիմել հիշյալ բոլոր խմբագրություններում աշխատող որոշ անձանց ձերբակալելու համար։ Ամենից շատ կհատուցի «Կոմարնոի իրիկնաթերթ»-ի խմբագիրը, որը մինչև մահ ու գերեզման չի մոռանա իր «Իրիկնաթերթը»։ Դիվիզիական դատարանը հանձնարարել է ինձ, որպես ձեր պետի, հարցաքննել ձեզ և միաժամանակ ինձ է ուղարկել հետաքննության նյութերը։ Ամեն ինչ լավ կվերջանար, եթե չլիներ ձեր այդ չարաբաստիկ Շվեյկը։ Նրա հետ գտնվում է ինչ-որ սակրավոր Վոդիչկա։ Երբ ծեծկռտոցից հետո նրան բերել են հաուպտվախտ, մոտը գտել են այն նամակը, որ դուք ուղարկել էիք տիկին Կակոնին։ Եվ ձեր այդ Շվեյկը հարցաքննության ժամանակ պնդել է, թե այդ նամակը ձերը չէ, թե դա ինքն է գրել, իսկ երբ ձեռագրերը համեմատելու համար նրան հրամայել են նամակն արտագրել, նա ձեր նամակը ծամել և կուլ է տվել։ Այդ ժամանակ գնդի գրասենյակից դիվիզիական դատարանին ուղարկվել են ձեր զեկուցագրերը՝ Շվեյկի ձեռագրի հետ համեմատելու համար, և ահա ձեզ արդյունքները։

Գնդապետը թերթեց թղթերը և պորուչիկ Լուկաշին, ցույց տվեց հետևյալ տեղը.

«Մեղադրյալ Շվեյկը հրաժարվեց գրել իրեն թելադրված նախադասությունները, ասելով, թե գիշերը գրելը մոռացել է»։

— Ես, պարոն պորուչիկ, պարզապես ոչ մի կարևորության չեմ տալիս այն բանին, թե դիվիզիական դատարանում ինչ է ասել ձեր Շվեյկը կամ այդ սակրավորը։ Ե՛վ Շվեյկը, և՛ սակրավորը պնդում են, թե այդ ամենը տեղի է ունեցել մի անմեղ, բայց չհասկացված կատակի պատճառով, թե նրանք իրենք են հարձակման ենթարկվել քաղաքացիների կողմից և կռվել են պարզապես մունդիրի պատիվը պաշտպանած լինելու համար։ Հետաքննության ժամանակ պարզվել է, որ ձեր Շվեյկն առհասարակ լավ պտուղ է։ Այսպես, օրինակ, այն հարցին, թե ինչու չի խոստովանում, նա, համաձայն արձանագրության, պատասխանել է. «Ես հիմա նույն այն վիճակի մեջ եմ, որի մեջ մի անգամ ընկել էր նկարիչ Պանուշկայի ծառան կույս Մարիամի սրբապատկերների պատճառով։ Երբ նրան հարցաքննել էին այդ սրբապատկերների գործով, որ նա ցանկացել էր յուրացնել, ապա ոչինչ չէր գտել ասելու, քան միայն. «Ուզում եք փո՞րս պատռեմ, ի՞նչ է»։ Իհարկե, ես որպես գնդի հրամանատար, հոգացել եմ, որ դիվիզիական դատարանի անունից բոլոր թերթերին հերքում ուղարկվի տեղիս թերթերում տպված ստոր հոդվածների աոթիվ։ Այսօր այդ հերքումը կուղարկվի, և կարծում եմ, որ ես իմ կողմից ամեն ինչ արել եմ այդ քաղաքացի սրիկաների, այդ հունգարացի ստոր լրագրողների բարձրացրած աղմուկը լռեցնելու համար։ Կարծեմ, լավ եմ խմբագրել.

«Սույնով N դիվիզիայի դիվիզիական դատարանը և N գնդի շտաբը հայտնում են, որ տեղիս թերթում տպագրված այն հոդվածը, թե իբր N գնդի զինվորներն անկարգություններ են արել, բոլորովին չի համապատասխանում իրականությանը և հերյուրանք է առաջին տողից սկսած մինչև վերջինը, և որ հիշյալ թերթերի դեմ սկսված հետաքննությունը մեղավորներին խիստ պատժի կենթարկի»։

— Դիվիզիական դատարանը մեր գնդի շտաբին հասցեագրած իր գրության մեջ,— շարունակեց գնդապետը,― հանգում է այն եզրակացության, թե ըստ էության խոսքը վերաբերում է այն սիստեմատիկ հալածանքին, որ մղվում է Ցիսլայտանիայից Տրանսլայտանիա ժամանող զորամասերի դեմ։ Ըստ որում համեմատեցեք, թե որքան զորք է ուղարկված ռազմաճակատ մեր կազմից և որքան նրանց կողմից։ Ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ չեխ զինվորն շատ ավելի իմ սրտին մոտ է, քան այդ հունգարական խաժամուժը։ Բավական է հիշել միայն, թե ինչպես Բելգիայի մոտ հունգարացիները կրակ բացեցին մեր երկրորդ երթային գումարտակի վրա, որը, չիմանալով, որ իրենց վրա կրակում են հունգարացիները, սկսեց կրակի տակ առնել աջ թևում գտնվող դեյչմեյստերներին, իսկ դեյչմեյստերներն էլ նույնպես շփոթվեցին ու կրակ բացեցին իրենց կողքին գտնվող բոսնիական գնդի վրա։ Ա՜յ թե վիճակ էր, կասեմ ես ձեզ։ Հենց այդ ժամանակ ես ճաշի էի նստած բրիգադի շտաբում։ Նախորդ օրը մենք ստիպված էինք բավականանալ միայն վետչինայով և պահածոյի սուպով, իսկ այդ օրը մեզ համար պատրաստել էին հավի լավ բուլյոն, բրնձով համեմած ֆիլե և ռոմով հունցած բաբկաներ։ Հենց նախորդ օրը երեկոյան մենք ավանում մի սերբ պանդոկապետ էինք կախել, և մեր խոհարարները նրա նկուղում հին, երեսուն տարվա գինի էին գտել։ Կարող եք պատկերացնել, թե մենք բոլորս ինչպես էինք սպասում այդ ճաշին։ Բուլյոնն արդեն կերել-պրծել էինք և հենց նոր անցել հավին, երբ հանկարծ հրաձգություն, հետո թնդանոթաձգություն, և մեր հրետանին, գաղափար չունենալով, որ մեր զորամասերն են իրար վրա կրակում, սկսեց կրակ տեղալ մեր գծի վրա, և մի արկ ընկավ ուղիղ բրիգադի շտաբի մոտ։ Սերբերն, հավանաբար, կարծել էին, թե մեզ մոտ ապստամբություն է ծագել, և ահա բոլոր կողմերից սկսեցին մեզ հուպ տալ, իսկ հետո գետն անցնել։ Բրիգադային գեներալին հեռախոսի մոտ են կանչում, և դիվիզիայի պետը զարհուրելի աղմուկ է բարձրացնում, թե այդ ինչ խայտառակություն է տեղի ունենում բրիգադի մարտական տեղամասում։ Չէ՞ որ ինքը հենց նոր բանակի շտաբից հրաման է ստացել, որ սերբերի ձախ թևի դիրքերի վրա հարձակումը պետք է սկսել գիշերվա ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին, իսկ մենք ռեզերվ ենք և պարտավոր ենք անհապաղ կրակը դադարեցնել։ Բայց այդպիսի սիտուացիայի մեջ հեշտ է ասել, «Feuer einstellen!»[86]։ Բրիգադի հեռախոսակայանը հայտնում է, թե չի կարողանում կապվել ոչ մի տեղի հետ, բացի Յոթանասունհինգերորդ գնդի շտաբից, որը հաղորդում է, թե մոտակա դիվիզիայի շտաբից հրաման է ստացել «auchalten!»[87], թե չի կարողանում կապվել մեր դիվիզիայի հետ, թե սերբերը գրավել են 212, 226 և 327 բարձունքները, պահանջվում է կապը վերականգնելու համար ուղարկել մի գումարտակ և անհրաժեշտ է կանոնավորել հեռախոսային կապը մեր դիվիզիայի հետ։ Փորձում ենք կապվել դիվիզիայի հետ, բայց կապ չկա, քանի որ սերբերը հենց նոր երկու թևերից անցել են մեր թիկունքը և մեր կենտրոնը սեղմել մի եռանկյունու մեջ, ուր գտնվում են և՛ հետևակը, և՛ հրետանին, գումակն ու ամբողջ ավտոշարասյունը, պարենային խանութն ու դաշտային լազարեթը։ Երկու օր ես թամբից ցած չիջա, իսկ դիվիզիայի հրամանատարը գերի ընկավ, ինչպես և մեր բրիգադի հրամանատարը։ Իսկ այդ ամենի պատճառը մաջարներն, էին, որ կրակ էին բացել մեր երկրորդ երթային գումարտակի վրա։ Ինքնին հասկանալի է, որ իրենց մեղքն ամբողջովին մեր գնդի վրա բարդեցին։

Գնդապետը թքեց։

— Դուք հիմա ինքներդ համոզվեցիք, պարոն պորուչիկ, թե նրանք ինչպես վարպետորեն օգտագործեցին ձեր Կիրալուհիդայի արկածները։

Պորոլչիկը շփոթված հազաց։

— Պարոն պորուչիկ,— մտերմավարի դիմեց նրան գնդապետը,― ասացեք ձեռքը խղճի վրա դրած, քանի՞ անգամ եք պառկել տիկին Կակոնի հետ։

Գնդապետ Շրեդերն այսօր շատ լավ տրամադրության մեջ էր։

— Իզուր մի համոզեք, թե նրա հետ միայն գրագրություն եք ունեցել։ Ես ձեր տարիքում, երեք շաբաթ գտնվելով Էգերի տեղագրական դասընթացներում, այդ երեք շաբաթվա ընթացքում հունգարուհիների հետ պառկելուց բացի ուրիշ բան չէի անում։ Ամեն օր մի ուրիշի հետ․ դեռատիների, չամուսնացածների, պատկառելի տարիքի տիկինների հետ, նայած թե ով կպատահեր։ Այնպես բարեխղճորեն էի աշխատում, որ երբ գունդ վերադարձա՝ ոտքերս հազիվ էի քարշ տալիս։ Ամենից շատ ինձ հալից գցեց մի փաստաբանի կին։ Նա ինձ ցույց էր տալիս, թե ինչի են ընդունակ հունգարուհիները, ըստ որում կծում էր քիթս և ամբողջ գիշերը թույլ չէր տալիս, որ մի րոպե աչքս փակեմ… «Գրագրությո՜ւն էի սկսել»— մտերմավարի պորուչիկի ուսին խփեց գնդապետը։― Այդ բաները մենք լավ ենք հասկանում։ Ինձ ոչինչ մի ասեք, ես իմ կարծիքն ունեմ այդ պատմության մասին։ Խելքահան եք արել նրան, ամուսինն իմացել է, իսկ այդ ժամանակ ձեր տխմար Շվեյկը… Գիտեք ի՞նչ, պարոն պորուչիկ, այդ Շվեյկն, այնուամենայնիվ, հավատարիմ տղա է։ Լա՜վ խաղ է խաղացել ձեր նամակի գլխին։ Այդպիսի մարդը, ճիշտն ասած, ափսոս է։ Ա՛յ, դա դաստիարակվածություն է։ Տղայի այդ հատկությունը ինձ դուր է գալիս։ Այդ պատճառով էլ հետաքննությունն անպայման պետք է դադարեցվի։ Ձեզ, պարոն պորուչիկ, մամուլն անվանարկել է։ Բոլորովին միտք չունի, որ դուք մնաք այստեղ։ Այս շաբաթ մի երթային վաշտ պիտի ուղարկվի ռուսական ռազմաճակատ։ Գուք տասնմեկերորդ վաշտի ամենաավագ սպան եք։ Այդ վաշտը կմեկնի ձեր հրամանատարությամբ։ Բրիգադում արդեն ամեն ինչ կարգադրված է։ Ավագ գրագրին ասացեք, որ Շվեյկի փոխարեն ձեզ համար մի ուրիշ սպասյակ գտնի։

Պորուչիկ Լուկաշը երախտագիտաբար նայեց գնդապետին, որը շարունակեց.

— Շվեյկին ես ուղարկում եմ ձեր տրամադրության տակ որպես վաշտի հանձնակատար։

Գնդապետը ոտքի կանգնեց, և ձեռքը մեկնելով սփրթնած պորուչիկին, ասաց.

— Այդպիսով, ամբողջ գործը լիկվիդացվում է։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն։ Ցանկանում եմ, որ Արևելյան ռազմաճակատում աչքի ընկնեք։ Եթե երբևէ նորից հանդիպելու լինենք, անցեք մեզ մոտ, մի խուսափեք մեզնից, ինչպես Բուդեյովիցիում․․․

Տուն վերադառնալիս պորուչիկ Լուկաշը շարունակ կրկնում էր ինքն իրեն. «Վաշտի հրամանատա՜ր, վաշտի հանձնակատա՜ր»։

Եվ նրա առաջ պատկերանում էր Շվեյկի կերպարանքը։

Երբ պորուչիկ Լուկաշն ավագ գրագիր Վանեկին հրամայեց Շվեյկի փոխարեն իր համար նոր սպասյակ գտնել, նա ասաց․

— Ես կարծում էի, պարոն օբեր-լեյտենանտ, որ դուք նրանից գոհ եք,— և լսելով, որ գնդապետը Շվեյկին տասնմեկերորդ վաշտի հանձնակատար է նշանակել, բացականչեց.— Տե՛ր ողորմեա։

Դիվիզիական դատարանին կից կալանավորական բարաքի լուսամուտները պատած էին երկաթե ձողացանցերով։ Այնտեղ, համաձայն կարգադրագրի, վեր էին կենում առավոտվա ժամը յոթին և սկսում կարգի բերել ներքնակները, որոնք թափված էին ուղղակի կեղտոտ հատակի վրա, քանի որ նարեր չկային։ Երկար միջանցքի անջրպետված մի անկյունում, համաձայն կարգադրագրի, դարսում էին ծղոտե ներքնակները և վերմակները փռում նրանց վրա։ Ովքեր վերջացրած էին լինում հարդարումը, նստում էին պատի երկայնքով դրված նստարանների վրա և զբաղվում կամ ոջիլ քթվելով (ռազմաճակատից եկածները), կամ ժամանակը կարճում իրենց կյանքից զանազան արկածներ պատմելով։ Շվեյկը ծերունի սակրավոր Վոդիչկայի և տարբեր գնդերի ու զենքի տարբեր տեսակների պատկանող մի քանի զինվորների հետ նստած էր դռան մոտի նստարանի վրա։

— Տղե՛րք,— ասաց Վոդիչկան,— հապա մի նայեցեք լուսամուտի մոտ նստած այն հունգարացի ղոչուն, տեսեք, թե շանորդին ինչպես է աղոթում, որ իր գործը աջողի։ Ձեռքներդ քոր չի՞ գալիս, որ ռեխին հասցնեք։

— Ինչի՞ համար, նա լավ տղա է,— ասաց Շվեյկը։— նա այստեղ ընկել է այն պատճառով, որ չի ցանկացել զորակոչին ներկայանալ։ Նա պատերազմին դեմ է։ Աղանդավոր է, և մարդուն նստեցրել են նրա համար, որ չի ուզում ոչ ոքի սպանել և հետևում է աստծու պատվիրանին։ Իհարկե նրան աստծու պատվիրան ցույց կտան։ Պատերազմից առաջ Մորավիայում Նեմրավա ազգանունով մի մարդ կար։ Եվ ահա, երբ նրան զինվոր տարան, հրաժարվեց նույնիսկ հրացանը ուսին դնել, թե, գիտեք, հրացան կրելն իր համոզմունքներին դեմ է։ Նրան մեռցնելու աստիճան տանջեցին բանտում, իսկ հետո նորից տարան երդում տալու։ Իսկ նա՝ չէ ու չէ, ասում է, չեմ երդվի, դա իմ համոզմունքներին դեմ է։ Եվ իր ասածի վրա էլ մնաց։

— Ա՛յ քեզ հիմար,― ասաց ծերունի սակրավոր Վոդիչկան,— պետք է երդվեր, իսկ հետո թքեր այդ ամենի, ինչպես և երդումի վրա։

— Ես արդեն երեք անգամ երդվել եմ,— մեջ մտավ մի հետևակային,— և արդեն երրորդ անգամ նստած եմ դասալքելու համար։ Եթե բժշկական թուղթ չունենայի, որ տասնհինգ տարի առաջ խելագարության նոպայի ժամանակ հորաքրոջս սպանել եմ, երևի ինձ ռազմաճակատում արդեն երեք անգամ գնդակահարած կլինեին։ Իսկ հիմա հանգուցյալ հորաքույրս ինձ միշտ փորձանքից ազատում է, և վերջ ի վերջո երևի այս պատերազմից դուրս գամ ողջ և առողջ։

― Իսկ դու ինչի՞ համար, ընկեր, հորաքրոջդ սպանեցիր։

— Ինչի՞ համար են մարդ սպանում,— պատասխանեց զինվորը,— պարզ բան է, ամեն մարդ էլ գիտե, փողի համար։ Այդ պառավն երեք խնայողական գրքույկ ուներ, և տոկոսները նրան ուղարկել էին հենց այն ժամանակ, երբ ես, քրջոտ ու գջլտված, իրեն հյուր էի եկել։ Աշխարհումս նրանից բացի էլ մարդ չունեի։ Եվ ահա եկա իր մոտ խնդրելու, որ ինձ տուն ընդունի, իսկ այդ գարշելի արարածը, թե. «Գնա, աշխատիր, դու, ասում է, ջահել, ուժով ու առողջ տղա ես»։ Դե՛հ, նա իրենն է ասում, ես իմը, կրակախառնիչով մի քանի անգամ թրխկացրի գլխին և երեսն այնպես չնջխեցի, որ ինքս էլ չէի կարողանում որոշել՝ հորաքո՞ւյրս է թե հորաքույրս չի։ Հատակին նստել եմ նրա կողքին ու մի գլուխ կրկնում եմ․ «Հորաքո՞ւյրս է թե հորաքույրս չի»։ Մյուս օրը ինձ հարևանները հենց այդ դրության մեջ էլ գտան։ Հետո ընկա Սլուպիի գժանոցը, իսկ երբ պատերազմից առաջ Բոհնիցիում մեզ կանչեցին հանձնաժողովի, ինձ ապաքինված համարեցին, և ստիպված եղա զինվորական ծառայություն կատարել բաց թողած տարիների համար։

Նրանց մոտով անցավ նիհար ու լողլող, տանջված դեմքով մի զինվոր, ավելը ձեռքին։

― Սա վարժապետ է, մեր երթային վաշտից,― ներկայացրեց նրան Շվեյկի կողքին նստած եգերը։— Գնում է ավլելու։ Չտեսնված կարգին մարդ է։ Այստեղ է ընկել իր հորինած մի ոտանավորի համար։

— Է՛յ, վարժապետ, հապա եկ այստեղ,— ձայն տվեց նա ավելավոր զինվորին։

Վերջինս լուրջ տեսքով մոտեցավ նստարանին։

— Հապա պատմիր մեզ ոջիլների մասին։

Ավելավոր զինվորը հազաց ու սկսեց.

Ամբողջ ճակատը ոջլով է պատած.
Քորվում է զորքը քնած թե արթուն,
Գեներալն անգամ, մունդիրը հանած,
Առյուծի նման ոջիլ է ջարդում։

Ոջիլներն ունեն ձրի օթևան,
Անհոգ ապրում են, կծում ամենքին,
Եվ մահճի վրա որձն ավստրիական
Բռնաբարում է պրուսական էգին։

Տանջված վարժապետ զինվորը նստեց նստարանին ու հառաչեց․

— Ահա և բոլորը։ Դրա համար արդեն չորս անգամ պարոն աուդիտորին հարցաքննության եմ ներկայացել։

— Ճիշտն ասած, ձեր գործը մի հոտած ձու էլ չարժե,— ծանրակշիռ կերպով ասաց Շվեյկը։— Բանը կախված է նրանից, թե նրանք դատարանում ում կհամարեն ավստրիական որձ ոջիլ։ Լավ է, որ դուք մահճակի մասին խոսել եք։ Դրանով նրանց այնպես էք մոլորեցրել, որ բոլորովին գլուխ չեն հանի։ Միայն թե նրանց անպայման բացատրեցեք, որ վշիվակը որձ ոջիլն է և որ ոջլուհու վրա կարող է պառկել միայն որձ ոջիլը։ Այլապես դուրս չեք պրծնի։ Դուք այդ ոտանավորն, իհարկե, նրա համար չեք գրել, որ որևէ մեկին վիրավորեք,— դա պարզ է։ Պարոն աուդիտորին ասացեք, թե ձեր հաճույքի համար եք գրել, և ինչպես որ որձ խոզը չեխերեն կոչվում է կանեց, այնպես էլ որձ ոջիլը՝ վշիվակ։

Ուսուցիչը խորապես հառաչեց.

— Բայց ես ի՞նչ կարող եմ անել, եթե աուդիտորը չեխերեն լավ չգիտե։ Ես գրեթե այդպես էլ բացատրեցի նրան, իսկ նա հարձակվեց վրաս .«Ոչիլի որց չեխերեն կոչվի ֆոժակ, այլ ոչ թե ֆժիվակ»,— ասաց պարոն աուդիտորը.

— Femmininum, Sie gebildeter Kerl, ist «Ֆոժ», Also masculinum ist «Ֆոժակ» Wir kennen unsere Pappenheimer[88].

— Կարճ ասած,— ասաց Շվեյկը,— ձեր բանը բուրդ է, բայց չպիտի հուսահատվել, վերջը լավ կլինի, ինչպես Պլզենում ասել է գնչու Յանեչեկը, երբ 1879 թվին, թալանելու նպատակով երկու մարդ սպանած լինելու համար, նրան դատապարտել էին կախաղանի։ Եվ նա ճիշտ էր գուշակել։ Վերջին րոպեին Յանեչեկին հանել էին կախաղանի տակից․ նրան չէր կարելի կախել, որովհետև թագավոր կայսեր ծննդյան օրը համընկել էր հենց նրա կախելու օրվան։ Այդ պատճառով էլ նրան կախել էին ծննդյան օրվա հաջորդ օրը։ Բայց տղայի բախտը դեռ ավելի էր բանել. կախելուց երեք օր հետո նրան ներում էին շնորհել, և ստիպված էին եղել դատավարությունը նորից սկսել, քանի որ բոլոր տվյալներից երևում էր, որ սպանողն ուրիշ մարդ է եղել։ Ստիպված էին եղել նրան հանել կալանավորական գերեզմանոցից և թաղել Պլզենի կաթոլիկական գերեզմանատանը։ Իսկ հետո պարզվել էր, որ մարդը ավետարանական դավանության է պատկանում, և նրան տեղափոխել էին ավետարանականների գերեզմանոցը, իսկ հետո…

— Հետո կհասցնեմ ռեխիդ,— մեջ մտավ ծերունի սակրավոր Վոդիչկան։— Ինչեր ասես չի հնարի այս գյադան։ Խեղճ մարդուն դիվիզիական դատարան է սպասում, իսկ այս սրիկան երեկ մեզ հարցաքննության տանելիս զահլաս տարավ ինչ-որ երիքոնյան վարդի մասին դուրս տալով։

— Դա ես չեմ հնարել։ Դա ասել է նկարիչ Պանուշկայի ծառա Մատեյը, երբ մի պառավ կնիկ նրան հարցրել է, թե երիքոնյան վարդն ինչ տեսակ բան է։ Նա պառավին ասել է․ «Վերցրեք կովի չոր թրիքը, դրեք ափսեի մեջ, վրան ջուր լցրեք, և նա կսկսի կանաչին տալ։ Երիքոնյան վարդը հենց դա է որ կա»։ Այդ անմտությունը ես չեմ հնարել,— պաշտպանվում էր Շվեյկը,— բայց չէ՞ որ որևէ բանի մասին պիտի խոսեինք, քանի որ միասին գնում էինք հարցաքննության։ Ես, Վոդիչկա, միայն ուզում էի քեզ զբաղեցնել…

— Կզբաղեցնես, ո՞նց չէ,— արհամարհանքով թքեց Վոդիչկան։— Մարդ չգիտե ինչպես դուրս պրծնի այս պատմությունից, որ այդ մաջար սրիկաների հախից գա, իսկ սա քեզ ինչ-որ կովի թրիքով է մխիթարում։ Իսկ ես այդ մաջար փսլնքոտների հախից ինչպե՞ս գամ, երբ կալանավորված նստած եմ այստեղ։ Եվ դեռ ստիպված եմ երկերեսանիություն անել ու ասել, թե իբր մաջարներին բոլորովին չեմ ատում։ Մի խոսքով, իսկը շան կյանք։ Թե ձեռս մի մաջար կընկնի՜։ Կսատկացնեմ շան լակոտի պես։ Ես նրան «istem ald meg a magyart»[89] ցույց կտամ, այնպես հաշիվը մաքրեմ, որ ինձ երբեք մտահան չանի։

— Մենք անհանգստանալու պատճառ չունենք,— ասաց Շվեյկը,— վերջը լավ կինի։ Գլխավորն այն է, որ մարդ դատարանում երբեք ճշմարտությունը չասի։ Ով թույլ է տալիս, որ իրեն խաբեն և խոստովանում է, կորած է։ Խոստովանությունից երբեք լավ բան չի ստացվում։ Երբ ես աշխատում էի Մորավսկա Օստրավայում, այնտեղ մի այսպիսի դեպք պատահեց։ Մի հանքափոր երես առ երես, առանց վկաների, ծեծեց մի ինժեների։ Հանքափորին պաշտպանող փաստաբանը շարունակ նրան ասում էր, որ եթե ուզում է ոչինչ չանեն՝ թող իր մեղքը ժխտի, իսկ դատարանի նախագահը հայրաբար հորդորում էր, թե խոստովանությունը հանդիսանում է նրբացուցիչ դեպք հանցանաց։ Իսկ հանքափորը իր էշն է քշում, չի խոստովանում, և վերջ։ Եվ ահա նրան ազատեցին, որովհետև ապացուցեց իր այլուրեքությունը, թե իբր դեպքի օրը Բոնոյում է եղել․․․

— Հիսո՜ւս Քրիստոս,— գոռաց կատաղած Վոդիչկան,— էլ չեմ դիմանա։ Չեմ հասկանում ինչի համար ես այդ բոլորը պատմում։ Երեկ հարցաքննության ժամանակ մեզ հետ ճիշտ այդպիսի մի մարդ կար։ Աուդիտորը նրան հարցնում է, թե զինվորական ծառայությունից առաջ ինչ գործ է արել, իսկ նա, թե. «Քրիսի մոտ փչում էի», և այդպես ամբողջ կես ժամ, մինչև որ պարզվեց, որ Քրիս ազգանունով մի դարբնի մոտ փուքս է փչում։ Իսկ երբ հարցրին. «Ուրեմն, նրա աշկե՞րտն եք», պատասխանեց․ «Ճիշտ այդպես, նրա անունն է Ֆրանտա Հուբշի»։

Միջանցքում ոտնաձայներ հնչեցին, և լսվեց ժամապահի գոչը․ «Zuwachs»[90]։

— Մեր թիվն ավելանում է,— ուրախ բացականչեց Շվեյկը,— երևի ծխուկ կունենա պահած։

Դուռը բացվեց, և հրելով ներս գցեցին նույն այն հոժարականին, որ Բուդեյովիցիում Շվեյկի հետ բանտ էր նստել, իսկ հետո ուղարկվել վաշտերից մեկի խոհանոցը։

— Փա՜ռք քեզ, Հիսուս Քրիստոս,— ասաց նա ներս մտնելով, և Շվեյկը բոլորի փոխարեն նրան պատասխանեց.

— Հավիտյանս հավիտենից։ Ամե՛ն։

Հոժարականը գոհ տեսքով նայեց Շվեյկին, հետը բերած վերմակը գրեց գետնին և նստեց չեխական գաղութի մոտ։ Ապա, արձակելով ոտքերի փաթաթանները, հանեց դրանց մեջ վարպետորեն թաքցրած սիգարետները և սկսեց բաժանել նրանց։ Հետո կոշիկի միջից հանեց լուցկու տուփի ֆոսֆորապատ կողը և մի քանի լուցկի, որոնց գլխիկները խնամքով մեջտեղից հավասար կես էին արած, չրթացրեց, զգուշաբար վառեց իր սիգարետը, տվեց մյուսներն էլ վառեն և անտարբեր հայտարարեց.

— Ինձ մեղադրում են ապստամբություն բարձրացնելու մեջ։

— Դատա՛րկ բան է,— հանգստացրեց նրա ն Շվեյկը,— հե՛չ բան է։

— Իհարկե,— ասաց հոժարականը,— եթե մտադիր ենք պատերազմը շահել զանազան դատարանների միջոցով։ Եթե ուզում են ինձ անպայման դատի տալ, թող տան։ Վերջին հաշվով, մի ավելորդ դատավարություն ընդհանուր իրադրության մեջ ոչինչ չի փոխի։

— Իսկ դու ինչպե՞ս ես ապստամբություն բարձրացրել,— հարցրեց սակրավոր Վոդիչկան, համակրանքով նայելով հոժարականին։

— Հրաժարվեցի մաքրել հաուպտվախտի արտաքնոցները,— պատասխանեց հոժարականը։— Ինձ տարան ուղիղ գնդապետի մոտ։ Իսկ նա հայտնի խոզ է։ Սկսեց վրաս գոռալ, թե ես բանտարկված եմ գնդային զեկույցի հիման վրա, այդ պատճառով էլ սովորական կալանավոր եմ, որ նա առհասարակ զարմանում է, թե երկիրն ինչպես է ինձ պահում իր վրա և այդպիսի խայտառակությունից հետո դեռ շարունակում պտտվել, թե բանակի շարքերում հայտնվել է հոժարականի ուսաթելեր կրող մեկը, որն իրավունք ունի սպայի կոչում ստանալու, բայց իր արարքներով միայն կարող է պետերին նողկանք պատճառել։ Ես նրան պատասխանեցի, թե երկրի պտտվելը չի կարող խախտվել այն պատճառով, որ նրա վրա ինձ նման մի հոժարական է հայտնվել, և թե բնության օրենքներն ավելի զորավոր են, քան հոժարականի ուսաթելերը։ Կցանկանայի իմանալ, ասում եմ, թե ո՞վ կարող է ստիպել ինձ մաքրել այն արտաքնոցները, որոնք ես ինքս չեմ ապականել, թեև իրավունք ունեի այդ բանն անելու այն խոզային սնունդի պատճառով, որ մենք ստանում ենք գնդի խոհանոցից, որտեղ միայն փտած կաղամբ ու ոչխարի հոտած միս են տալիս։ Ես գնդապետին ասացի, որ ինձ փոքր-ինչ տարօրինակ է թվում նրա այն հարցը, թե ինչպես է երկիրը ինձ պահում իր վրա, իմ պատճառով, իհարկե, երկրաշարժ չի լինի։ Իմ ճառի ընթացքում նա միայն ատամներն էր կրճտացնում, ինչպես անում է մատակ ձին, երբ լեզվի տակ սառցակալած ճակնդեղ է ընկնում։ Իսկ հետո վրաս գոռաց. «Պիտի մաքրե՞ք արտաքնոցները թե ոչ»։ «Բնավ ոչ, չեմ մաքրի»։— «Գրո՛ղը տանի, դուք կմաքրեք ոչ թե մեկ, այլ հարյուր արտաքնոց»։— «Բնավ ոչ, չեմ մաքրի ո՛չ հարյուր, ո՛չ էլ մեկ արտաքնոց»։ Եվ այդպես անվերջ. «Կմաքրե՞ք արտաքնոցները»։— «Չեմ մաքրի արտաքնոցները»։ Մենք այդ արտաքնոցներն այնպես ենք փոխանցում իրար, որ կարծես Պավլա Մոուդրպայի մանկական գրքից քաղած զվարճասելուկ լիներ։ Գնդապետը խելագարի պես վազվզում էր գրասենյակում, ի վերջո նստեց ու ասաց․ «Լավ մտածեցեք, ապա թե ոչ՝ ապստամբություն բարձրացնելու համար ես ձեզ կհանձնեմ դիվիզիական դատարանին։ Չկարծեք, թե դուք առաջին հոժարականը կլինեք, որ գնդակահարվել է այս պատերազմի ժամանակ։ Սերբիայում մենք կախեցինք տասերորդ վաշտի երկու հոժարականների, իսկ ինններորդ վաշտից մեկին գառան պես գնդակահարեցինք։ Իսկ ինչի՞ համար։ Համառության համար։ Այն երկուսը, որոնց կախեցինք, հրաժարվել էին սվինահարել մի շաբացցի պարտիզանի կնոջն ու փոքրիկ տղային, իսկ իններորդ վաշտի հոժարականին գնդակահարեցինք նրա համար, որ հրաժարվեց հարձակման գնալ, պատճառաբանելով, թե իբր ոտքերն ուռել են և թե տափակաթաթություն ունի։ Հը՛, արտաքնոցները մաքրելո՞ւ եք թե ոչ»։ «Բնավ ոչ, չեմ մաքրի»։ Գնդապետը նայեց ինձ ու հարցրեց. «Լսեցեք, դուք հո սլավյանոֆի՞լ չեք»։ «Բնավ ոչ»։ Դրանից հետո ինձ տարան և հայտարարեցին, թե ես մեղադրվում եմ խռովության մեջ։

— Ամենից լավն այն է,— ասաց Շվեյկը,— որ մարդ ապուշ ձևանա։ Երբ ես նստած էի կայազորի բանտում, այնտեղ մեզ հետ մի շատ խելոք ու կրթված մարդ կար, առևտրական դպրոցի դասատու։ Նա դասալքել էր ռազմի դաշտից, այնպես որ ուզում էին նույնիսկ աղմկալից դատավարություն սարքել և, մյուսներին վախեցնելու համար, դատապարտել ու կախել։ Բայց նա շատ հասարակ ձևով այդ պատմությունից դուրս պրծավ։ Սկսեց ձևանալ, թե տառապում է ժառանգական ծանր հիվանդությամբ, և բժշկական քննության ժամանակ շտաբի բժշկին ասաց, թե ինքը բնավ չի դասալքել, այլ պարզապես դեռ պատանի հասակից սիրում է ճամփորդել, և շարունակ որևէ հեռավոր տեղ գնալու պահանջ է զգում։ Մի անգամ, ասում է, արթնացել է Համբուրգում, իսկ մի ուրիշ անգամ՝ Լոնդոնում, ինքն էլ չիմանալով, թե ինչպես է ընկել այնտեղ։ Հայրն եղել է ալկոհոլիկ և նրա ծնվելուց քիչ առաջ ինքնասպանություն է գործել, մայրն եղել է պոռնիկ, շարունակ հարբած, և մեռել է սպիտակ ջերմախտից։ Փոքր քույրը խեղդվել է, մեծն իրեն գցել գնացքի տակ, եղբայրը ցած է նետվել Վիշեգրադիի երկաթուղային կամուրջից։ Պապը սպանել է կնոջը, ինքն իր վրա նավթ լցրել ու վառվել։ Մյուս տատը քարշ է եկել գնչուների հետ և բանտում լուցկիներով ինքն իրեն թունավորել է։ Մորաքրոջ տղան մի քանի անգամ դատվել է հրկիզման համար և Կարտոուզիում ապակու կտորով կտրել է իր քներակը։ Հորեղբոր աղջիկը Վիեննայում ցած է նետվել վեցերորդ հարկից։ Նրա դաստիարակությանը ոչ ոք չի հետևել և նա մինչև տասը տարեկան դառնալը խոսել չի կարողացել, որովհետև մի անգամ, երբ նրան, տակավին վեց ամսական, սեղանի վրա բարուրել են և սենյակից ինչ-որ տեղ գնացել, կատուն սեղանի վրայից նրան ցած է գցել, և նա ընկնելիս գլուխը խփել է հատակին։ Հիմա պարբերաբար սաստիկ գլխացավ է ունենում, և այդ պահերին չի գիտակցում, թե ինչ է անում, և հենց այդպիսի դրության մեջ էլ ռազմաճակատից գնացել է Պրագա և ուշքի եկել միայն այն բանից հետո, երբ զինվորական ոստիկանությունը նրան ձերբակալել է «Ֆլեկների մոտ» գարեջրատանը։ Պետք էր տեսնել, թե ինչպես շտապով նրան ազատեցին զինվորական ծառայությունից։ Եվ նրա հետ միևնույն խցում նստած հինգ զինվորները ի դեպ ամենայնի մի կտոր թղթի վրա գրեցին.

Հայրը ալկոհոլիկ։ Մայրը պոռնիկ։
I քույրը (խեղդվել է)։
II քույրը (գնացք)։
Եղբայրը (կամրջից)։
Պապը (կնոջը, նավթ, հրկիզում)։
Տատը (գնչուներ, լուցկիներ) և այլն։

Բայց երբ նրանցից մեկը սկսեց այդ ամենը պատմել շտաբի բժշկին, ապա, դեռ մորաքրոջ տղային չհասած, շտաբի բժիշկը նրան ընդհատեց, քանի որ դա արդեն երրորդ դեպքն էր, և ասաց․ «Իսկ քո հորեղբոր աղջիկը Վիեննայում ցած է նետվել վեցերորդ հարկից, քո դաստիարակությանը, լոդրի մեկը, ոչ ոք չի հետևել․ բայց քեզ կալանավորական վաշտերում կվերադաստիարակենք։ Նրան տարան բանտ, ձեռներն ու ոտները իրար կապեցին, և միանգամից չքացան և՛ վատ դաստիարակությունը, և՛ ալկոհոլիկ հայրը, և պոռնիկ մայրը, և նա գերադասեց կամովին ռազմաճակատ գնալ։

— Ներկայումս,— ասաց հոժարականը,— զինվորական ծառայության մեջ ծանր ժառանգականությանն այլևս ոչ ոք չի հավատում, այլապես ստիպված պիտի լինեին բոլոր գլխավոր շտաբները գժանոց ուղարկել։

Երկաթապատ դռան մեջ ճռնչաց բանալին, և ներս մտավ պրոֆոսը։

— Հետևակային Շվեյկ և սակրավոր Վոդիչկա, ներկայանալ պարոն աուդիտորին։

Երկուսն էլ վեր կացան, և Վոդիչկան դիմեց Շվեյկին․

— Ա՛յ քեզ սրիկաներ, ամեն աստծու օր հարցաքննություն, բայց ոչ մի արդյունք։ Երևի ավելի լավ կլիներ, գրո՛ղը տանի, մեզ դատապարտեին և անվերջ հոգիներս չհանեին։ Ամբողջ օրն անգործ ընկած ենք այստեղ, իսկ այդ մաջար գյադա-գյուդաները չորս կողմը զվռնում են…

Հարցաքննության գնալով դիվիզիական դատարանի գրասենյակը, որ տեղավորված էր մյուս կողմում, նույնպես բարաքի մեջ, սակրավոր Վոդիչկան Շվեյկի հետ քննարկում էր այն հարցը, թե վերջապես, ե՞րբ պիտի կանգնեն իսկական դատարանի առաջ։

— Միայն հարցաքննություն ու հարցաքննություն,— բարկությունից իրեն ուտում էր Վոդիչկան,— գոնե այդ բոլորից մի օգուտ լիներ։ Մի բոլ թուղթ կմրոտեն, մարդ բանտի մեջ կփտի ու իսկական դատարանի երես չի տեսնի։ Ճիշտն ասա, նրանց տված ճաշը ուտել կլինի՞։ Իսկ նրանց այն կաղամբն ու ցրտատար կարտոֆի՞լը։ Գրո՛ղը տանի, կյանքումս այսպիսի ապուշ համաշխարհային պատերազմ չեմ տեսել։ Ես այդ ամենը բոլորովին ուրիշ կերպ էի պատկերացնում։

― Իսկ ես գոհ եմ,— ասաց Շվեյկը։— Դեռևս մի քանի տարի առաջ, երբ իսկական զինվորական ծառայության մեջ էի, մեր ֆելդֆեբել Սոլպերան մեզ ասում էր. «Զինվորական ծառայության մեջ յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր պարտականությունները»։ Եվ պատահում էր, որ այդ ասելիս այնպես էր հասցնում ռեխիդ, որ երբեք չէիք մոռանա։ Կամ երբ հանգուցյալ օբեր-լեյտենանտ Կվայզերը գալիս էր հրացանները ստուգելու, ամեն անգամ մեր գլխին դասախոսություն էր կարդում, թե զինվորն իրավունք չունի իր զգացմունքներին ազատություն տալու, զինվորները, ասում էր նա, անասուններ են, պետությունը նրանց կերակրում, սուրճ է խմեցնում, ծխախոտ է տալիս, և դրա համար նրանք պետք է եզան պես օրն ի բուն տքնեն։

Սակրավոր Վոդիչկան փոքր-ինչ միտք արեց և ապա ասաց.

— Երբ գաս աուդիտորի մոտ, Շվեյկ, լավ կլինի չփչես, այլ կրկնես անցած հարցաքննության ժամանակ ասածդ, որպեսզի ես անհարմար դրության մեջ չընկնեմ։ Գլխավորն այն է, որ դու ինքդ տեսել ես, թե մաջարներն ինչպես հարձակվեցին ինձ վրա։ Չէ՞ որ, ինչ էլ որ լինի, մենք այդ ամենը միասին ենք արել։

― Մի՛ վախենա, Վոդիչկա,— հանգստացնում էր նրան Շվեյկը։― Գլխավորը հանգիստ մնալն ու չհուզվելն է։ Ինչ-որ դիվիզիական դատարանի առաջ կանգնելն ի՞նչ մի մեծ բան է։ Դու պիտի տեսնեիր, թե ռազմական դատարանն առաջներում ինչպես էր գործում։ Մեզ հետ իսկական ծառայություն էր կատարում մի ուսուցիչ, ազգանունը Հերալ։ Եվ ահա մի անգամ, երբ մեր ամբողջ դասակին, որպես պատիժ, զրկել էին քաղաք դուրս գալու իրավունքից, այդ Հերալը մահճակի վրա պառկած պատմում էր, թե Պրագայի թանգարանում Մարիա Թերեզայի ժամանակվա ռազմական դատարանի գրանցումների մի գիրք կա։ Ամեն մի գունդ ունեցել է իր դահիճը, որն իր գնդի զինվորներին կախել է հատահաշվով, մարդագլուխ մի թերեզյան թալլեր վճարով։ Եվ այդ գրանցումներից պարզվում է, որ որոշ օրեր դահիճը մինչև հինգ թալլեր փող է վաստակել։ Դե, հասկանալի է,— ավելարեց Շվեյկը լրջորեն,― այն ժամանակ գնդերը ավելի մեծ են եղել և շարունակ համալրվել են գյուղերի հաշվին։

― Երբ ես Սերբիայում էի,— ասաց Վոդիչկան,— մեր բրիգադում յուրաքանչյուրին, ով հանձն էր առնում պարտիզաններ կախել, վճարում էին սիգարետով։ Եթե տղամարդ կախեր, կստանար «Սպորտ» տեսակի տասը հատ սիգարետ, իսկ եթե կին կամ երեխա՝ հինգ հատ։ Հետո ինտենդանտությունը խնայողություն մտցրեց, և սկսեցին բոլորին միանգամից գնդակահարել։ Ինձ հետ մի գնչու էր ծառայում։ Մենք երկար ժամանակ չգիտեինք, որ նա այդ գործով է զբաղվում։ Միայն զարմանում էինք, որ միշտ գիշերը նրան կանչում են գրասենյակ։ Այն ժամանակ մենք կանգնած էինք Դրինայի ափին։ Եվ ահա մի գիշեր, երբ նա բացակա էր, զինվորներից մեկի խելքին փչեց նրա իրերը տնտղել, և, պատկերացրու, այդ անապատկառի տոպրակում երեք տուփ «Սպորտ» կար, յուրաքանչյուրի մեջ հարյուր սիգարետ։ Առավոտյան դեմ նա վերադարձավ մեր սարայը, և մենք նրա հաշիվը կարճ կտրեցինք, գետին գցեցինք, իսկ Բալուոնը գոտիով խեղդեց։ Սրիկան կատվի պես կենսունակ էր։— Ծերունի սակրավոր Վոդիչկան թքեց։— Ոչ մի կերպ չէինք կարողանում խեղդել։ Արդեն հալից ընկել էր, աչքերը դուրս էին պրծել, բայց դեռ կենդանի էր կիսամորթ աքլորի պես։ Այն ժամանակ մենք սկսեցինք նրան պատառոտել, ինչպես կատվին են անում։ Երկու հոգի բռնեցին գլխից, երկու հոգի՝ ոտքերից, և վիզը ոլորեցինք։ Հետո նրան հագցրինք հենց իր իրերի պարկը՝ սիգարետներն էլ մեջը, և, գցեցինք Դրինայի ամենախոր տեղը։ Ո՞վ կծխեր այդ սիգարետները։ Իսկ առավոտյան սկսեցինք նրան որոնել…

— Դուք պետք է զեկուցեիք, թե նա գասալքել է,— հեղինակավոր կերպով ավելացրեց Շվեյկը,— թե իբր վաղուց էր, պատրատվում այդ բանն անել, ամեն օր ասում էր, թե պիտի ճղի։

— Չէ՜ մի, շատ հավես ունեինք այդ մասին մտածելու,— պատասխանեց Վոդիչկան։— Մենք մեր գործն արել էինք, իսկ մնացածը մեզ չէր հետաքրքրում։ Այնտեղ դա սովորական բան էր. ամեն օր մեկնումեկն անհետանում էր, իսկ նրան Դրինայից այլևս չէին հանում։ Ուռած պարտիզանն ու մեր այլանդակված պահեստայինը սիրով լողում էին կողք-կողքի։ Առաջին անգամ տեսնողի ջանը դող էր ընկնում, ինչպես դողերոցքի ժամանակ։

— Հարկավոր էր նրանց խինին տալ,— ասաց Շվեյկը։

Այդ խոսքի վրա նրանք մտան այն բարաքը, որտեղ տեղավորված էր դիվիզիական դատարանը, և ուղեկցորդները նրանց տարան №8 գրասենյակը, որտեղ թղթերով ծածկված մի երկար սեղանի հետևում նստած էր աուդիտոր Ռուլլերը։

Նրա առաջ ընկած էր օրենքների ժողովածուի հատորը, որի վրա հանգչում էր թեյի, կիսատ բաժակը։ Սեղանի վրա վեր էր խոյանում կեղծ փղոսկրից շինած խաչելությունը իր փոշոտված Քրիստոսով, որը հուսահատ նայում էր իր խաչի պատվանդանին, որ ծածկված էր մոխրով ու ծխուկներով։ Այդ պահին աուդիտոր Ռուլլերը մի ձեռքով թափ էր տալիս սիգարետի մոխիրը և սիգարետով թխթխկացնում խաչելության պատվանդանը՝ ի նոր վիշտ խաչյալ աստծո, իսկ մյուսով պոկում Օրենքների ժողովածուին կպած բաժակը։ Բաժակը պոկելով, նա շարունակեց թերթել սպայական ժողովարանից վերցրած գիրքը։ Դա Ֆր. Ս․ Կրաուզեի գիրքն էր, հետևյալ բազմախոստում վերնագրով․

«Forschungen zur Entwicklungsgeschichte der geschlechtlichen moral»[91]։

Աուդիտորը հափշտակված դիտում էր կնոջ և տղամարդու սեռական օրգանների նաիվ նկարների ռեպրոդուկցիաներն ու համապատասխան ոտանավորները, որոնք գիտնական Ֆր. Ս. Կրաուզեն հայտնագործել էր Բեռլինի Արևմտյան կայարանի արտաքնոցներում,— և չնկատեց ներս մտնողներին։

Նա ռեպրոդուկցիաներից կտրվեց միայն այն բանից հետո, երբ Վոդիչկան հազաց։

— Was geht los?[92]— հարցրեց նա, շարունակելով թերթել գիրքը, նոր պրիմիտիվ նկարներ և ուրվանկարներ որոնելով։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— պատասխանեց Շվեյկը,— կոլլեգա Վոդիչկան մրսել է և հազում է։

Աուդիտորը միայն հիմա նայեց Շվեյկին ու Վոդիչկային։ Նա ջանաց դեմքին լուրջ արտահայտություն հաղորդել։

— Վերջապես տե՜ղ հասաք,— ասաց աուդիտորը, պրպտելով սեղանին հանգչող գործերի կույտը։— Ես հրամայել էի ձեզ ժամը տասին կանչել, իսկ հիմա արդեն համարյա տասնմեկն է։ Այդ ի՞նչպես ես կանգնած, է՛շ,— դիմեց նա Վոդիչկային, որը հանդգնել էր կանգնել «ազատ»։— Երբ կասեմ «ազատ», այն ժամանակ կարող ես զռփի ոտքերովդ ինչ ուզենաս անես։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— մեջ մտավ Շվեյկը, նա ռևմատիզմ ունի։

— Լեզուդ քեզ քաշիր,— ասաց աուդիտոր Ռուլլերը։— Պատասխանիր այն ժամանակ, երբ քեզ կխոսեցնեն։ Դու արդեն երեք անգամ ինձ մոտ հարցաքննության ես եղել և միշտ էլ դուրս ես տալիս ավելի, քան պետք է։ Վերջապես այդ գործը պիտի գտնե՞մ թե ոչ։ Ա՛յ թե տանջվեցի սրիկաներիդ երեսից։ Ձեզ վրա էժան չի նստի, որ իզուր տեղը դատարանի համար գործ եք ստեղծում։

— Դե, ուրեմն, լսեցեք, արնախում տզրուկներ,— ավելացրեց նա, թդթերի կույտի տակից դուրս քաշելով մի մեծ գործ, որ վերնագրված էր. Schwejk und Woditschka[93]։ Չկարծեք, թե մի ինչ-որ տխմար տուրուդմբոցի համար նորից վեր կընկնեք դիվիզիայի բանտում և միառժամանակ ռազմաճակատից կպրծնեք։ Դմբոներիդ պատճառով ես ստիպված եղա զանգահարել, բանակի շտաբին կից դատարանին։

Աուդիտորը հառաչեց։

— Ի՞նչ ես ռեխդ այդպես լրջացնում, Շվեյկ,— շարունակեց նա։— Ռազմաճակատում հոնվեդների հետ կռվելու հավես չես ունենա։ Ձեր գործը կարճվում է, և ամեն մեկդ կվերադառնա իր երթային զորամասը, որտեղ կպատժվի կարգապահական կարգով, իսկ հետո իր երթային վաշտի հետ կգնա ռազմաճակատ։ Թե նորից ձեռքս ընկնե՜ք, սրիկաներ։ Այնպիսի դաս կտամ, որ մզզաք։ Ահա ձեր ազատման օրդերը, և ձեզ կարգին պահեք։ Տարեք դրանց №2 սենյակը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— ասաց Շվեյկը,― մենք ձեր խոսքերը կդրոշմենք մեր սրտում, անչափ շնորհակալ ենք ձեր բարության համար։ Եթե դա զինվորական ծառայության մեջ չլիներ, ես ինձ թույլ կտայի ասել, որ դուք ոսկի մարդ եք։ Միաժամանակ մենք երկուսով պետք է նորից ու նորից ներողություն խնդրենք այն բանի համար, որ դուք մեր պատճառով ստիպված եք եղել այդքան նեղություն քաշել։ Ճիշտն ասած, մենք դրան արժանի չենք։

— Վերջապես պիտի դուրս կորչե՞ք թե ոչ,— գոռաց աուդիտորը Շվեյկի վրա։— Թե որ գնդապետ Շրեդերը ձեզ համար չմիջնորդեր, չգիտեմ այս գործն ինչով կվերջանար։

Վոդիչկան միայն միջանցքում զգաց, որ ինքն առաջվա Վոդիչկան է, երբ նրանք ուղեկցորդի հետ դիմեցին դեպի №2 գրասենյակը։

Նրանց ուղեկցող զինվորը վախենում էր, որ ճաշից կուշանա։

— Դեհ, տղերք, մի քիչ արագ քայլեցեք, այնպես եք շարժվում, որ կարծես ոջիլ լինեք,— ասաց նա։

Ի պատասխան այդ խոսքի Վոդիչկան ուղեկցորդին ասաց, թե թող նա բերանը շատ էլ շաղ չտա. դեռ թող շնորհակալ լինի, որ չեխ է, թե չէ եթե մաջար լիներ՝ Վոդիչկան նրան կտոր-կտոր կաներ։

Քանի որ զինվորական գրագիրները գրասենյակից գնացել էին ճաշի, ուղեկցորդն ստիպված եղավ Շվեյկին ու Վոդիչկային առայժմ հետ տանել դիվիզիական դատարանին կից կալանաշենքը, նզովելով զինվորական գրագիրների ատելի ցեղը։

― Ընկերներս նորից սուպիս ամբողջ ճարպը կքաշեն,— ողբում էր նա ողբերգականորեն,— իսկ մսից միայն ջլերը կթողնեն։ Հենց երեկ երկուսին ուղեկցում էի ճամբար, իսկ ինչ-որ մեկը լափել էր օրապահիկիս կեսը, որ ստացել էին ինձ համար։

— Դուք այստեղ, դիվիզիական դատարանում, լափելուց բացի ոչնչի մասին չեք մտածում,— ասաց արդեն բոլորովին սրտապնդված Վոդիչկան։

Երբ Շվեյկն ու Վոդիչկան հոժարականին պատմեցին, թե իրենց գործն ինչով է վերջացել, նա բացականչեց.

— Ուրեմն, ասել կուզե, երթային վաշտ պիտի գնաք, բարեկամնե՛ր։ «Հաջողակ քամի»,— ինչպես գրում են չեխ տուրիստների ժուռնալում։ Էքսկուրսիայի նախապատրաստությունն արդեն ավարտվում է։ Մեր հեռատես փառապանծ գլխապետությունն ամեն ինչի մասին հոգացել է։ Իսկ դուք, որ ցուցակագրվել եք որպես դեպի Գալիցիա կատարվելիք էքսկուրսիայի մասնակիցներ, ճանապարհ ընկեք ուրախ տրամադրությամբ և թեթև սրտով։ Ձեր սրտում խորին սեր տածեցեք այն երկրի նկատմամբ, որտեղ ձեզ կծանոթացնեն խրամատների հետ։ Գեղեցի՜կ և չափազանց հետաքրքիր վայրեր։ Հեռավոր օտար աշխարհում դուք ձեզ կզգաք ինչպես ձեր տանը, ձեր հայրենի երկրում, գրեթե ինչպես հայրական օջախի մոտ։ Վսեմ զգացմունքներով մեկնեցեք այն վայրերը, որոնց մասին դեռևս ծեր Հումբոլտն ասել է․ «Ամբողջ աշխարհում ես չեմ տեսել ավելի փառահեղ բան, քան այդ տխմար Գալիցիան»։ Այն հարուստ և արժեքավոր փորձը, որ առաջին արշավանքի օրերին Գալիցիայից նահանջելիս ձեռք է բերել մեր հաղթական բանակը, անկասկած ուղեցույց աստղի դեր կկատարի երկրորդ արշավանքի ծրագիրը կազմելիս։ Միայն հառա՛ջ, ուղիղ դեպի Ռուսաստա՛ն, և ուրախությունից բոլոր փամփուշտները կրակեցեք օդի մեջ։

Ճաշից հետո, Շվեյկի և Վոդիչկայի գնալուց առաջ, գրասենյակում նրանց մոտեցավ ոջիլների մասին ոտանավոր հորինած տարաբախտ ուսուցիչը, և, նրանց մի կողմ քաշելով, խորհրդավոր կերպով ասաց.

— Չմոռանաք, որ երբ ռուսական կողմում լինեք՝ անմիջապես․․․ ռուսներին ասեք. «Բարև ձեզ, ռուս եղբայրներ, մենք չեխ եղբայրներ, մենք ոչ ավստրիացի»։

Բարաքից դուրս գալիս ցանկանալով դեմոնստրատիվ կերպով արտահայտել իր ատելությունը մաջարների նկատմամբ և ցույց տալ, որ բանտարկությունը չի կարողացել սասանել իր համոզմունքները։ Վոդիչկան կոխեց այն մաջարի ոտքը, որ սկզբունքով մերժում էր զինվորական ծառայությունը, և գոռաց նրա վրա.

— Կոշիկներդ հագիր, սրիկա՛։

— Ափսոս, որ նա ոչինչ չպատասխանեց,— գժգոհությամբ ասաց սակրավոր Վոդիչկան Շվեյկին։— Իզուր չպատասխանեց։ Թե չէ ես նրա մաջարական ռեխը կպատռեի մի ականջից մինչև մյուսը։ Իսկ նա, այդ դդումը, լռում է և թույլ տալիս, որ ոտը, կոխեն։ Գրո՛ղը տանի, Շվեյկ, հերսս գալիս է, որ ինձ չդատապարտեցին։ Այնպես է դուրս գալիս, որ մեզ վրա մի տեսակ ծիծաղում են, թե մաջարների հետ մեր կռվելը գրոշի արժեք չունի։ Այնինչ առյուծի պես էինք կռվում։ Մեղավորը դու ես, որ մեզ չդատապարտեցին, այնպիսի վկայական տվին, թե մենք կարգին կռիվ անել էլ չգիտենք։ Նրանք մեզ ո՞ւմ տեղն են դրել։ Ինչ կուզես ասա, դա միանգամայն կարգին ընդհարում էր։

— Սիրելի՛ս,— ասաց Շվեյկը բարեհոգաբար,— ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե դու ինչու ուրախ չես, որ դիվիզիական դատարանը պաշտոնապես մեզ միանգամայն կարգին մարդիկ համարեց, որոնց դեմ նա ոչինչ չունի։ «Ճիշտ է, ես հարցաքննության ժամանակ ամեն կերպ դուրս էի պրծնում, բայց չէ՞ որ հենց այդպես էլ պետք է»,— շարունակ ասում էր փաստաբան Բասսը իր կլիենտներին։ Երբ աուդիտորն ինձ հարցրեց, թե մենք ինչո՞ւ էինք խուժել պարոն Կակոնի բնակարանը, ես նրան պատասխանեցի. «Ես կարծում էի, թե մենք պարոն Կակոնի հետ ավելի մոտիկից կծանոթանանք, եթե նրան հյուր գնանք»։ Դրանից հետո աուդիտորն ինձ այլևս ոչ մի բան չհարցրեց, դա նրան միանգամայն բավական էր։ Մեկընդմիշտ հիշիր,— շարունակեց Շվեյկն իր դատողությունները,— ռազմական դատարանի առաջ չի կարելի խոստովանել։ Կայազորի բանտում նստածս ժամանակ մի զինվոր խոստովանեց, իսկ այդ բանն իմանալուց հետո մյուս կալանավորները նրան մի լավ ջարդեցին ու ստիպեցին, որ իր խոստովանությունից հրաժարվի։

— Եթե ես մի անպատիվ բան արած լինեի, ոչ մի դեպքում չէի խոստովանի,— ասաց սակրավոր Վոդիչկան։— Իսկ եթե այդ տիպ աուդիտորն ինձ ուղղակի հարցնում է. «Կռվե՞լ եք»,— ապա ես նրան պատասխանում եմ. «Ճիշտ այդպես, պարոն աուդիտոր»։ «Այդ ժամանակ որևէ մեկին վիրավորե՞լ եք»։— «Իհարկե, պարոն աուդիտոր»։ Թող իմանա ո՜ւմ հետ է խոսում։ Ի՜նչ խայտառակություն, որ մեզ ազատեցին։ Ուրեմն, դուրս է գալիս, նա չհավատաց, որ ես գոտիս բզիկ-բզիկ արի այդ մաջար գյադաների վրա, որ նրանց լապշա դարձրի, նրանց վրա ուռուցքներ ու կապտուկներ թողի։ Դու այդ ժամանակ հո այնտեղ էիր և հիշում ես, որ երեք մաջար գյադաներ միանգամից ընկան վրաս, իսկ մի րոպե չանցած նրանք գետին էին ընկած և ես նրանց ոտքերովս կոխկռտում էի։ Եվ այդ բոլորից հետո մի ինչ-որ փսլնքոտ աուդիտոր հետաքննությունը կարճում է։ Դա նույնն է, որ նա ինձ ասեր. «Ամեն մի փսլնքոտ փորձում է կռիվ անել»։ Հենց որ պատերազմը վերջանա և քաղաքացի դառնամ, ես այդ փալասին կգտնեմ ու ցույց կտամ, թե ինչպես եմ կռիվ անում։ Հետո կգամ այստեղ, Կիրալուհիդա, և այնպիսի տուրուդմփոց կսարքեմ, որ աշխարհը չի տեսել. մարդիկ կթաքնվեն նկուղներում, հենց որ լսեն, որ եկել եմ Կիրալուհիդայի ավարաների, այդ բոսյակների, այդ սրիկաների հետ հաշիվ տեսնելու։


Գրասենյակում գործը ձեռաց վերջացրին։ Ֆելդֆեբելը, դեռևս ճաշից յուղոտված շրթունքներով, թղթերը հանձնելով Շվեյկին ու Վոդիչկային և այդ միջոցին չտեսնված լուրջ տեսք ընդունելով, չհապաղեց նրանց առաջ մի ճառ ասել, որով դիմում էր նրանց ռազմական ոգուն։ Նա, որ սիլեզիացի լեհ էր, իր ճառը համեմեց իրենց բարբառի գոհարներով, ինչպես, օրինակ. «Marekvium», «glupi rolmopsie», «krajcová sedmina», «sviňa porýpaňa», և «dum vám băne na mjesjnückovy vasi gzichty»[94]։

Յուրաքանչյուրին ուղարկեցին իր զորամասը։ Հրաժեշտ տալով Վոդիչկային, Շվեյկն ասաց․

— Հենց որ պատերազմը վերջանա, ինձ տեսության եկ։ Իրիկվա ժամը վեցից հետո ինձ միշտ կգտնես Բոիշչեի «Թասի մոտ» պանդոկում։

— Իհարկե, կգամ,— պատասխանեց Վոդիչկան։— Այնտեղ սկանդալ-մսկանդալ կլինի՞։

— Այնտեղ ամեն օր մի որևէ բան լինում է,— խոստացավ Շվեյկը։— Իսկ եթե շատ խաղաղ լինի, ինքներս մի բան կսարքենք։

Բարեկամները բաժանվեցին, և, երբ արդեն իրարից բավական հեռացել էին, ձերունի սակրավոր Վոդիչկան Շվեյկի հետևից գոռաց.

— Ուրեմն հոգ տար, որ գալուս ժամանակ որևէ զվարճալի բան լինի։

Ի պատասխան Շվեյկը գոռաց․

— Պատերազմից հետո անպայման արի։

Նրանք ավելի հեռացան իրարից, և հանկարծ բարաքների մյուս շարքի անկյունից լսվեց Վոդիչկայի ձալնը.

— Շվեյկ, Շվեյկ, «Թասի մոտ» պանդոկում ի՞նչ գարեջուր է լինում։

Եվ արձագանքի պես հնչեց Շվեյկի պատասխանը.

— Վելիկոկոպովի։

— Իսկ ես կարծում էի Սմիխովի,— հեռվից գոռաց սակրավոր Վոդիչկան։

— Այնտեղ աղջիկներ էլ կան,— աղաղակեց Շվեյկը։

— Դե, ուրեմն, պատերազմից հետո իրիկվա ժամը վեցին,— բղավեց Վոդիչկան։

— Ավելի լավ կլինի վեց և կեսին գաս, միգուցե ուշանամ,— պատասխանեց Շվեյկը։

Եվ մի անգամ ևս հեռվից լսվեց Վոդիչկայի ձայնը.

— Իսկ վեցին չե՞ս կարող գալ։

— Լավ, վեցին կգամ,— լսեց Վոդիչկան հեռացող ընկերոջ ձայնը։

Այդպես բաժանվեցին քաջարի զինվոր Շվեյկն ու ծերունի սակրավոր Վոդիչկան։

Wenn die Leute auseinander gehen,
Da sagen sie auf Wiedersehen[95].


Լիտավայի Բրակից դեպի Սոկալ

Պորուչիկ Լուկաշը կատաղած գնում-գալիս էր տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում։ Դա վաշտի, սարայում միջանցքից միայն տախտակներով անջատված մի մութ անկյուն էր, որտեղ կար մի սեղան, երկու աթոռ, նավթի մի շիշ և մի մահճակ։ Լուկաշի առաջ կանգնած էր ավագ գրագիր Վանեկը, որն այդ շենքում կազմում էր զինվորների ռոճկացուցակները, վարում զինվորների խոհանոցի հաշվետվությունը, մի խոսքով՝ ամբողջ վաշտի ֆինանսների մինիստրն էր, որ իր ամբողջ օրն այդտեղ էր անցկացնում և այդտեղ էլ քնում։ Դռան մոտ կանգնած էր Կրկոնոշի մորուքով մի հաստլիկ հետևակ զինվոր։ Դա Բալոունն էր, պորուչիկի նոր սպասյակը, որը զինվորական ծառայությունից առաջ Չեխական Կրումլովի մոտերքում ջրաղացպան էր եղել։

— Խոսք չունեմ, լա՜վ սպասյակ եք գտել ինձ համար,— դիմեց պորուչիկ Լուկաշը ավագ գրագրին,— խորապես շնորհակալ եմ այդ սյուրպրիզի համար։ Առաջին օրը ես նրան ուղարկում եմ սպայական խոհանոցից ճաշ բերելու, իսկ նա ճանապարհին կեսը լափում է։

— Կներեք, ես ճաշը թափեցի,— ասաց հաստլիկ հսկան։

— Ենթադրենք, թե այդպես է։ Թափել կարելի է սուպը կամ սոուսը, բայց ոչ ֆրանկֆուրտյան տապակած միսը։ Չէ՞ որ դու այնպիսի մի կտոր էիր բերել, որ մարդու եղունգի տակ կմնար։ Իսկ ի՞նչ էիր արել խնձորի ռուլետը։

— Ես…

— Սուտ մի ասա։ Լափել էիր։

Պորուչիկն այդ վերջին խոսքն արտաբերեց այնպես խիստ և այնպիսի եռանդագին ժեստով, որ Բալոունը ակամա երկու քայլ հետ-հետ գնաց։

— Ես խոհանոցում տեղեկացա, թե այսօր ճաշի համար ինչ էին պատրաստել։ Եղել է լյարդի կոլոլիկներով սուպ։ Կոլոլիկներն ի՞նչ ես արել։ Ճանապարհին հանել ես, ճի՞շտ է։ Իհարկե, ճիշտ է։ Հետո եղել է տավարի խաշած միս, հետո վարունգ։ Իսկ դա ի՞նչ ես արել։ Նույնպես լափել ես։ Եղել է երկու կտոր ֆրանկֆուրտյան տապակած միս, իսկ դու ինձ միայն կես կտոր էիր բերել։ Ճիշտ է։ Եղել է երկու կտոր խնձորի ռուլետ։ Ի՞նչ ես արել։ Լափել ես, Գոնջուկի մեկը, կեղտոտ խոզ։ Ասա, ի՞նչ ես արել խնձորի ռուլետը։ Ցեխի մե՞ջ ես գցել։ Ա՛խ դու, սրիկա։ Ցույց տուր, թե որտեղ է ցեխի մեջ ընկած։ Հա՜, մի շուն վազել գտել է այդ կտորն ու տարել, կարծես նրան դիտմամբ հրավիրած են եղել։ Աստվա՛ծ իմ։ Ռեխդ այնպես կջարդեմ, որ տակառի պես կուռչի։ Այս կեղտոտ խոզը դեռ համարձակվում է սուտ ասել։ Գիտե՞ս ով է քեզ տեսել։ Ավագ գրագիր Վանեկը։ Նա ինքն եկավ ինձ մոտ ու ասաց. «Համարձակվում եմ զեկուցել, պարոն պորուչիկ, ձեր Բալոունը, այդ շուն շանորդին, ձեր ճաշը լափում է։ Նայում եմ լուսամուտից, իսկ նա այնպես է հուպ տալիս, որ կարծես մի շաբաթ բան չի կերել»։ Լսեցեք, ավագ գրագիր, մի՞թե դուք չէիք կարող ինձ համար ավելի կարգին անասուն գտնել, քան այս ղոչուն է։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, մեր ամբողջ երթային վաշտում Բալուոնն ինձ ամենակարգին զինվորն էր թվում։ Սա այնքան դմբո է, որ չի կաբողանում միտը պահել հրացանի ոչ մի բռնելաձև, և եթե ձեռքը հրացան տան՝ վայ թե գլխներիս փորձանք բերի։ Վերջին վարժական հրաձգության ժամանակ, փուչ փամփուշտներով կրակելիս, քիչ էր մնում կողքինի աչքին խփեր։ Կարծում էի, որ կկարողանա գոնե այս ծառայությունը կատարել։

― Եվ ամեն օր լափել իր սպայի ճաշը,— ասաց Լուկաշը։— Կարծես իր բաժինն իրեն բավական չէ։ Հը՞, կարծեմ արդեն կուշտ ես։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես միշտ սոված եմ։ Եթե որևէ մեկի հացից մի կտոր մնամ է, իսկույն փոխանակում եմ սիգարետի հետ, և էլի ինձ հերիք չի անում, քանի որ այդպես եմ ծնվել։ Մտածում եմ, թե, ըհ՛ը, հիմա կուշտ եմ, բայց՝ չէ։ Մի րոպե անց փորս սկսում է ղռղռալ, կարծես բան չեմ կերել, և մեկ էլ տեսար այդ գարշելին, այսինքն փորս, նորից իրեն զգալ է տալիս։ Երբեմն մտածում եմ, թե իսկապես հերիք է, էլ տեղ չկա, բայց ի՜նչ։ Հենց որ տեսնում եմ մեկը բան է ուտում կամ մի հոտ եմ առնում, ստամոքսս կարծես ցախավելով մաքրված լինի, նորից սկսում է իր իրավունքները ներկայացնել։ Այդ ժամանակ պատրաստ եմ նույնիսկ մեխեր կուլ տալ։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես արդեն խնդրել եմ, թե արդյոք չի՞ կարելի ինձ կրկնակի բաժին տալ։ Այդ խնդրով ես Բուդեյովիցիում եղել եմ գնդի բժշկի մոտ, իսկ նա կրկնակի բաժնի փոխարեն ինձ երկու օր նստեցրեց լազարեթում և ամբողջ օրվա համար միայն մի թաս լողլող բուլյոն նշանակեց։ «Ես, ասում է, քեզ ցույց կտամ, սրիկա, թե ինչպես կարելի է սոված լինել։ Եթե մեկ էլ գաս, այստեղից դուրս կգաս չոփ դարձած»։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, ոչ միայն չեմ կարողանում համեղ բաժիններին անտարբեր նայել, այլև հասարակ բաներն էլ այնպես են ստամոքսս գրգռում, որ թուքս թափվում է։ Համարձակվում եմ խոնարհաբար ձեզ խնդրել, պարոն օբեր-լեյտենանտ, որ կարգադրեք ինձ կրկնակի բաժին տալ։ Եթե միս չի լինի, գոնե գարնիր տան,— կարտոֆիլ, կնեդլիկ, մի քիչ սոուս։ Դա հո միշտ ավելանում է։

― Բավական է հոգիս հանես քո լկտի օյիններով,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը։— Ասացեք, ավագ գրագիր, երբևէ տեսե՞լ եք ավելի լկտի զինվոր, քան այս դմբոն, ճաշը լափել է, և դեռ ուզում է, որ իրեն կրկնակի բաժին տան։ Այդ ճաշը դու չես մոռանա։ Ավագ գրագիր,― դիմեց նա Վանեկին,— տար սրան կապրալ Վեյդենհոֆերի մոտ, թող գուլյաշ բաժանելու ժամանակ այս սրիկային երկու ժամով ամուր կապի բակում, խոհանոցի մոտ։ Թող բարձր կապի, այնպես որ նա կանգնած լինի ոտքերի մատների վրա և վերևից տեսնի, թե կաթսայի մեջ գուլյաշն ինչպես է եփ գալիս։ Եվ այնպես արեք, որ այս անզգամը գուլյաշը բաժանելիս կապված լինի, որպեսզի բերանի թուքը գնա, ինչպես երշիկի խանութի մոտ պտիտ-պտիտ անող սոված շան բերանի թուքը։ Խոհարարին ասացեք, որ սրա բաժինը ուրիշի տա։

— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Գնա՛նք, Բալոուն։

Երբ նրանք արդեն դուրս էին գալիս, պորուչիկը նրանց կանգնեցրեց դռան առաջ և, ուղիղ նայելով Բալոունի սարսափահար դեմքին, հաղթականորեն ասաց.

— Հ՛ը, նպատակիդ հասա՞ր։ Բարի ախորժակ։ Իսկ եթե մեկ էլ այդպիսի օյին խաղաս գլխիս, ես առանց մի այլևայլության քեզ ռազմադաշտային դատարանի առաջ կկանգնեցնեմ։

Երբ Վանեկը վերադարձավ ու հայտարարեց, թե Բալոունն արդեն կապված է, պորուչիկ Լուկաշն ասաց.

— Դուք ինձ ճանաչում եք, Վանեկ, ես չեմ սիրում այդպիսի բաներ անել, բայց այլ կերպ վարվել չեմ կարող։ Նախ, դուք գիտեք, որ երբ շան ոսկորը խլում են՝ գռմռում է։ Ես չեմ ուզում, որ մոտս սրիկա ապրի։ Երկրորդ, այն հանգամանքը, որ Բալոունը կապված է, բարոյական և հոգեբանական մեծ նշանակություն ունի ամբողջ զորամասի համար։ Վերջերս տղերքը հենց որ երթային գումարտակ են ընկնում և իմանում, որ վաղը կամ մյուս օրը նրանց ուղարկելու են խրամատները, ինչ խելքներին փչում՝ անում են։— Պորուչիկը տանջված մարդու տեսքով ցածրաձայն շարունակեց.— նախանցյալ օրը գիշերային զորաշարժերի ժամանակ մենք պետք է գործեինք շաքարի գործարանի հետևում գտնվող հոժարականների զորամասի դեմ։ Առաջին դասակը, ավանգարդը, խճուղու վրա քիչ թե շատ լռություն էր պահպանում, որովհետև ես ինքս էի նրան վարում, իսկ երկրորդը, որ դեպի ձախ պիտի գնար և շաքարի գործարանի մոտ դետքեր նշանակեր, իրեն այնպես էր պահում, որ կարծես արտաքաղաքային զբոսանքից էր վերադառնում։ Երգում էին իրենց համար և ոտքերով այնպես դոփում, որ երևի ձայնը ճամբար էր հասնում։ Բացի դրանից, աջ թևում, անտառի մոտ տեղանքը շրջադիտելու էր գնում երրորդ դասակը։ Մեզնից հեռու էին ընդամենը տասը րոպեի ճանապարհի չափ, բայց այնուամենայնիվ, պարզ երևում էր, թե ինչպես այդ սրիկաները ծխում են,— ամենուրեք կրակի կետեր։ Իսկ չորրորդ դասակը, որ պետք է արերգարդ լիներ, սատանան գիտե, թե ինչպես հանկարծ հայտնվեց մեր ավանգարդի վերջում, այնպես որ նրան թշնամու տեղ դրին, և ես ստիպված եղա նահանջել իմ վրա հարձակվող սեփական արերգարդի առաջ։ Ահա թե ինչ վիճակի մեջ եմ ժառանգել տասնմեկերորդ երթային վաշտը։ Ես ի՞նչ կարող եմ դուրս բերել այդ անձնակազմից։ Նրանք իրենց ինչպե՞ս կպահեն իսկական մարտի ժամանակ։

Այդ ասելիս Լուկաշը աղոթողի պես ձեռքերը ծալեց և նահատակի դեմք ընդունեց, իսկ նրա քիթը երկարեց։

— Դրա վրա, պարոն պորուչիկ, ուշադրություն մի դարձնեք,— ջանում էր նրան հանգստացնել ավագ գրագիր Վանեկը,— ուշադրություն մի՛ դարձնեք։ Ես եղել եմ արդեն երեք երթային վաշտերում, ու դրանցից յուրաքանչյուրին ամբողջ գումարտակի հետ ջարդել են, իսկ մեզ ուղարկել են վերակազմավորվելու։ Այդ բոլոր երթային վաշտերն իրար նման էին, և նրանցից ոչ մեկը, պարոն օբեր-լեյտենանտ, ձեր վաշտից մազաչափ լավ չէր։ Ամենից վատը իններորդն էր, որն իր հետ դեպի գերություն տարավ բոլոր ենթասպաներին և վաշտի հրամանատարին։ Ինձ միայն այն փրկեց, որ գնացել էի գնդի գումակից ռոմ ու գինի բերելու և նրանք այդ բանն արել էին իմ բացակայությամբ։ Իսկ արդյոք գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ, որ վերջին գիշերային զորաշարժերի ժամանակ, որոնց մասին բարեհաճեցիք պատմել, հոժարականների վարժական անձնակազմը, որը պետք է շրջանցեր մեր վաշտը, ճանապարհը կորցրել և հասել է Նեյզիգլերյան լճին։ Իրենց համար երթաքայլում են մինչև առավոտ, իսկ հետախույզներն ուղղակի խրվում են ճահիճը։ Իսկ այդ վաշտն առաջնորդում էր ինքը պարոն կապիտան Սագները։ Նրանք թերևս մինչև Շոպրոն էլ կհասնեին, եթե չլուսանար,— խիստ կոնֆիդենցիալ տոնով շարունակեց ավագ գրագիրը, որը մի առանձին բավականությամբ էր խոսում այդպիսի դեպքերի մասին, որոնցից, ոչ մեկը նրա ուշադրությունից չէր վրիպում։— Արդյոք գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց նա, մտերմավարի աչքով անելով Լուկաշին,— որ պարոն կապիտան Սագները պետք է նշանակվի մեր երթային գումարտակի հրամանատար։ Շտաբի ֆելդֆեբել Հեգների ասելով, սկզբում կարծում էին, թե հրամանատար կնշանակվեք դուք, որպես մեր սպաներից, ամենաավագը, իսկ հետո իբր դիվիզիայից բրիգադին հրաման է եկել կապիտան Սագների նշանակման մասին…

Պորուչիկ Լուկաշը շրթունքը կծեց և վառեց սիգարետը։

Այդ ամենը նա արդեն գիտեր և համոզված էր, որ իր հետ անարդար են վարվում։ Աստիճան ստանալու գործում կապիտան Սագներն արդեն երկու անգամ նրանից առաջ էր ընկել։ Սակայն Լուկաշը ասաց միայն.

— Բանը կապիտան Սագները չէ…

— Դա այնքան էլ իմ սրտովը չէ,— մտերմաբար ասաց ավագ գրագիրը։— Ֆելդֆեբել Հեգներն ինձ պատմում էր, որ պատերազմի սկզբում պարոն կապիտան Սագների խելքին փչել է Չերնոգորիայի ինչ-որ տեղում աչքի ընկնել, և նա իր գումարտակի վաշտերն իրար հետևից, գնդացիրների կրակի տակ, քշել է դեպի սերբերի դիրքերը, թեև դա բոլորովին անհուսալի գործ էր և այնտեղ հետևակը առհասարակ ոչինչ չէր կարող անել, քանի որ սերբերին այն ժայռերի միջից կարող էր դուրս մղել միայն հրետանին։ Ամբողջ գումարտակից միայն ութսուն մարդ է մնացել, կապիտան Սագներն ինքը վիրավորվել է թևից, իսկ հետո հիվանդանոցում էլ վարակվել է դիզենտերիայով և միայն դրանից հետո Բուդեյովիցիում հայտնվել մեր գնդում։ Իսկ երեկ իբր թե սպայական ժողովարանում ասել է, թե երազում է ռազմաճակատ ընկնել, թե պատրաստ է այնտեղ կորցնելու ամբողջ երթային գումարտակը, միայն թե կարողանա իրեն ցույց տալ և signum laudis[96] ստանալ։ Սերբիական ճակատի իր գործունեության համար նա ոչինչ չստացավ, իսկ հիմա կա՛մ ամբողջ երթային գումարտակի հետ գլուխը վայր կդնի, կա՛մ փոխգնդապետի աստիճան կստանա, թեև երթային գումարտակի բանը վատ կլինի։ Ես կարծում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ այդ ռիսկը մեզ էլ է վերաբերվում։ Նորերս ֆելդֆեբել Հեգներն ասում էր, թե դուք կապիտան Սագների հետ բոլորովին հաշտ չեք և թե նա առաջին հերթին կռվի կուղարկի մեր տասնմեկերորդ վաշտը, գցելով ամենավտանգավոր տեղերը։

Ավագ գրագիրը հառաչեց։

— Ինձ թվում է, որ այնպիսի մի պատերազմում, ինչպիսին սա է, երբ այդքան զորքեր կան և ռազմաճակատի գիծն այդքան ձգված է, ավելի շուտ հաջողության կարելի է հասնել լավ մանևրումով, քան հուսահատական գրոհներով։ Ես դա նկատել եմ Դուկլայի մոտ, երբ գտնվում էի տասերորդ երթային վաշտում։ Այն ժամանակ ամեն ինչ հաջող անցավ, հրաման տրվեց «nicht schiessen!»[97], և մենք չէինք կրակում, այլ սպասում էինք, որ ռուսները մոտենան մեզ։ Մենք կարող էինք առանց մի կրակոցի նրանց գերի վերցնել, միայն թե այն ժամանակ մեր ձախ թևում կանգնած էին ապուշ աշխարհազորայինները, որոնք ռուսներից այնպես վախեցան, որ սկսեցին ձյան վրայով սարն ի վար սողալ, ինչպես սահարանում։ Մի հրաման ստացանք, որի մեջ ասված էր, թե ռուսները ձախ թևը ճեղքել են և թե պետք է նահանջենք դեպի բրիգադի շտաբը։ Այդ պահին ես գտնվում էի բրիգադի շտաբում, ուր ստորագրելու էի տարել վաշտի պարենագիրքը, քանի որ մեր գնդի գումակը գտնել չէի կարողացել։ Այդ ժամանակ, վազելով, սկսեցին մեկ-մեկ բրիգադի շտաբ հասնել տասնմեկերորդ վաշտի տղաները։ Մինչև երեկո նրանց թիվը հարյուր քսանի հասավ, իսկ մնացածները, ինչպես ասում էին, նահանջի ժամանակ մոլորվել էին և ձյան վրայով, ինչպես սահաբլուրից, սահել ուղիղ դեպի ռուսները։ Համա՜ թե վախեցանք այնտեղ, պարոն օբեր-լեյտենանտ։ Ռուսները Կարպատներում դիրքեր ունեին և՛ ներքևում, և՛ վերևում։ Իսկ հետո, պարոն օբեր-լեյտենանտ, կապիտան Սագները…

— Հանգիստ թողեք ինձ ձեր կապիտան Սագներով,— ասաց պորուչիկ Լուկաշը։— Ես ինքս այդ բոլորը շատ լավ գիտեմ։ Եվ, խնդրեմ, չկարծեք, որ երբ կռիվը սկսվի՝ դուք նորից պատահմամբ որևէ տեղ գումակում կգտնվեք և ռոմ ու գինի կստանաք։ Ինձ նախազգուշացրել են, որ դուք օղի եք խմում։ Ձեր կարմիր քիթը տեսնողն իսկույն կիմանա, թե ում հետ գործ ունի։

— Դրա պատճառը Կարպատներն են, պարոն օրեր-լեյտենանտ։ Այնտեղ ակամա ստիպված էինք խմել։ Ճաշը սառած էին բերում, սառը խրամատներում ձյուն էր, կրակ վառել չէր կարելի, և մեզ միայն ռոմն էր պահում։ Եվ եթե ես չլինեի, մեզ էլ նույնը կպատահեր, ինչ մյուս երթային վաշտերին, որտեղ ռոմ չկար և մարդիկ սառչում էին։ Սակայն ռոմից մեր բոլորի քթերը կարմրում էին և դա ուներ իր անախորժ կողմը, քանի որ գումարտակից հրաման եկավ հետախուզության ուղարկել այն զինվորներին, որոնց քթերը կարմիր են։

— Հիմա ձմեռն արդեն անցել է,— բազմանշանակ ասաց պորուչիկը։

— Ռոմը, ինչպես և գինին, պարոն օբեր-լեյտենանտ, ռազմաճակատում անփոխարինելի են տարվա բոլոր եղանակներին։ Կես կաթսայիկ գինու և քառորդ լիտր ռոմի համար զինվորն ինքը կգնա կռվելու ում դեմ ուզենաք։ Այդ ո՞ր անասունն է նորից դուռը ծեծում, մի՞թե չի կարող կարդալ, որ վրան գրված է. «Nicht klopfen!»[98]

— Herein![99]

Պորուչիկ Լուկաշը բազկաթոռի վրա շրջվեց ու տեսավ, թե ինչպես դուռը դանդաղ և սուսուփուս բացվում է։ Եվ այդպես էլ սուսուփուս տասնմեկերրոդ վաշտի գրասենյակ մտավ քաջարի զինվոր Շվեյկը, պատիվ տալով դեռևս դռան շեմին։ Հավանաբար, նա ձեռքը հովարին էր տարել դեռևս այն ժամանակ, երբ դուռը ծեծել էր, դիտելով «Nicht klopfen!» մակագիրը։

Շվեյկը ձեռքը պահել էր հովարին կցած, և դա շատ էր սազում նրա միանգամայն գոհ ու անհոգ դեմքին։ Նա այնպիսի տեսք ուներ, որպիսին կունենար հունական գողության աստվածը ավստրիական հետևակայինի համեստ համազգեստի մեջ։

Պորուչիկ Լուկաշը մի պահ ակամա աչքերը կկոցեց քաջարի զինվոր Շվեյկի փաղաքշական հայացքի ներքո։ Հավանաբար այդպիսի հայացքով է նայել կորած ու վերստին գտնված անառակ որդին իր հորը, երբ վերջինս ի պատիվ նրա շամփուրի վրա ոչխար է խորովելիս եղել։

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես նորից այստեղ եմ,— ասաց Շվեյկն այնպիսի անկեղծ անբռնազբոսությամբ, որ պորուչիկ Լուկաշը ձեռաց ուշքի եկավ։

Այն պահից ի վեր, երբ գնդապետ Շրեդերը հայտնել էր, թե Շվեյկին նորից կապելու է նրա վզին, պորուչիկ Լակաշն ամեն օր մտովին հետաձգում էր հանդիպման պահը։

Ամեն առավոտ պորուչիկը մտածում էր. «Այսօր չի երևա։ Երևի նորից մի օյին է խաղացել, և նրան դեռ էլի կպահեն այնտեղ»։

Բայց Շվեյկն այդ բոլոր հաշիվներն ի դերև դարձրեց իր պարզ ու անուշիկ հայտնությամբ։

Սկզբում նա մի հայացք նետեց ավագ գրագիր Վանեկի վրա, և, դուրեկան ժպիտով դիմելով նրան, հանձնեց շինելի գրպանից հանած թղթերը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ գրագիր, գնդի գրասենյակում ինձ տված այս թղթերը ես պետք է ձեզ հանձնեմ։ Դա իմ ռոճիկի և ինձ օրապահիկ տալու մասին է։

Շվեյկը տասնմեկերորդ վաշտի գրասենյակում իրեն այնպես ազատ ու համարձակ էր պահում, որ կարծես Վանեկի հետ շատ մտերմական հարաբերությունների մեջ էր։ Ի պատասխան դրա, ավագ գրագիրը միայն ասաց. «Դրեք սեղանի վրա»։

— Բարի եղեք, ավագ գրագիր, ինձ Շվեյկի հետ մենակ թողնել,— ասաց պորուչիկ Լուկաշը հառաչելով։

Վանեկը հեռացավ և դռան հետևում կանգնած սկսեց ակաջ դնել, թե նրանք ինչ են խոսելու։

Սկզբում նա ոչինչ չլսեց։ Շվեյկն ու պորուչիկ Լուկաշը լուռ էին և երկար իրար էին նայում։ Լուկաշը Շվեյկին այնպես էր նայում, որ կարծես ուզում էր նրան հիպնոսացնել, ինչպես այն աքաղաղը, որ կանգնած է հավի առաջ և պատրաստվում է թռչել նրա վրա։

Շվեյկն, ինչպես միշտ, իր ջերմ, քնքշալի հայացքով նայում էր պորուչիկին, կարծես ցանկանալով նրան ասել. «Նորից մենք միասին ենք, հոգյա՛կս։ հիմա այլևս ոչ մի բան չի կարող մեզ իրարից բաժանել, աղավնյա՛կս»։ Եվ քանի որ պորուչիկը երկար ժամանակ չէր խզում լռությունը, Շվեյկի աչքերը թախծալից քնքշանքով նրան ասում էին․ «Դե՛, մի բան ասա, հոգիս, գոնե մի բառ ասա»։

Պորուչիկ Լուկաշն այդ տանջալից լռությունը խզեց հետևյալ խոսքերով, ջանալով դրանց մեջ դնել հեգնանքի մի զգալի բաժին.

— Բարի գալուստ, Շվեյկ։ Շնորհակալ եմ ձեր այցելության համար։ Վերջապես դուք այստեղ եք, փափագելի՛ հյուր։

Բայց նա չկարողացավ իրեն զսպել, և վերջին օրերին կուտակված ամբողջ բարկությունը դուրս թափվեց բռունցքի մի սոսկալի հարվածով, որ իջավ սեղանին։ Թանաքամանը տեղից վեր ցատկեց ու թանաքոտեց ռոճկացուցակը։ Միաժամանակ թանաքամանի հետ միասին տեղից վեր ցատկեց պորուչիկ Լուկաշը և, ընդհուպ մոտենալով Շվեյկին, ծղրտաց.

— Անասո՛ւն։

Նա սկսեց նեղլիկ գրասենյակում դես ու դեն նետվել և ամեն անգամ Շվեյկին մոտենալիս թքել։

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը, մինչ պորուչիկ Լուկաշը շարունակում էր վազվզել գրասենյակում և գազազած դեպի անկյունն էր նետում այն ճմրթված թղթերը, որոնք վերցնելու համար ամեն անգամ մոտենում էր գրասեղանին,— ես նամակը հանձնեցի ամենայն ճշտակատարությամբ։ Բարեբախտաբար, ես տանը չգտա իրեն՝ պանի Կակոնին, և կարող եմ ասել, որ նա հույժ գեղեցիկ կին է, թեև նրան տեսա միայն լաց լինելիս…

Պորուչիկ Լուկաշը նստեց զինվորական գրագրի մահճակի վրա և խռպոտ ձայնով գոռաց.

— Երբ պիտի դրան վերջ լինի։

Ձևացնելով, թե նրա ասածը լավ չի լսել, Շվեյկը պատասխանեց.

— Հետո այնտեղ ինձ մի փոքրիկ անախորժություն պատահեց,― բայց ես ամեն ինչ իմ վրա առա։ Ճիշտ է, ինձ չէին հավատում, թե ես այդ պանիի հետ նամակագրություն ունեմ, բայց, այնուամենայնվ, հետքը կորցնելու համար, հարցաքննության ժամանակ նամակը կուլ տվի։ Հետո կատարյալ պատահականության բերումով,— դա այլ կերպ չի կարելի բացատրել, խառնվեցի մի փոքրիկ տուրուդմփոցի, բայց բարեհաջող դուրս պրծա։ Իմ անմեղությունն ընդունեցին, հետաքննությունը դադարեցրին։ Գնդի գրասենյակում ես միայն մի քանի րոպե սպասեցի, մինչև որ եկավ գնդապետը, որը ինձ մի թեթև հայհոյեց ու ասաց, պարոն օբեր-լեյտենանտ, թե անհապաղ պետք է ներկայանամ ձեզ և զեկուցեմ, որ ստանձնում եմ հանձնակատարի պարտականությունը։ Բացի դրանից, պարոն գնդապետն ինձ հրամայեց ձեզ հայտնել, որ դուք անհապաղ իր մոտ գնաք երթային վաշտի գործերով։ Այդ պահից ավելի քան կես ժամ անցել է։ Բայց չէ՞ որ պարոն գնդապետը չգիտեր, որ ինձ քարշ կտան նաև գնդի գրասենյակ և որ ես այնտեղ կնստեմ տասնհինգ րոպե, գուցե և ավելի։ Իսկ ես այնտեղ նստել էի այն պատճառով, որ ինձ չէին վճարել այդ ամբողջ ժամանակվա ռոճիկս, որը պետք է տային ոչ թե վաշտում, այլ գնդում, քաճի որ համարվում էի գնդային կալանավոր։ Այնտեղ ամեն ինչ այնպես էին իրար խառնել ու խառնշտորել, որ պարզապես մարդ կարող է խելագարվել։

Լսելով, որ դեռևս կես ժամ առաջ պարտավոր էր գնդապետի մոտ լինել, պորուչիկն սկսեց արագ հանգնվել։

— Նորից ինձ լավությո՜ւն արիք, Շվեյկ,— ասաց նա այնպիսի վհատալից ձայնով, որ Շվեյկը փորձեց բարեկամական խոսքով նրան հանգստացնել և հետևից ձայն տվեց.

— Ոչինչ, պարոն օբեր-լեյտենանտ, գնդապետը կսպասի, մեկ է՝ նա անելու բան չունի։

Պորուչիկ Լուկաշը ռումբի պես առաջ էր սլանում։

Պորուչիկի գնալուց մի րոպե հետո գրասենյակ մտավ ավագ գրագիր Վանեկը։

Շվեյկը նստած էր աթոռի վրա և թիթեղե փոքրիկ փեչի մեջ քարածուխ էր լցնում։ Փեչը ծխում և գարշ հոտ էր արձակում, իսկ Շվեյկը շարունակում էր իր զբաղմունքը, ուշադրություն չդարձնելով Վանեկի վրա, որը կանգ առավ և մի քանի րոպե դիտեց նրան, բայց, ի վերջո, չկարողացավ իրեն զսպել, ոտքով չրխկացնելով փակեց փեչի դռնակը և Շվեյկին ասաց, որ այդտեղից դուրս կորչի․

— Պարոն ավագ գրագիր,— արժանապատվորեն ասաց Շվեյկը,— թույլ տվեք ձեզ հայտնել, որ, որքան էլ ցանկանամ, չեմ կարող կատարել այստեղից և առհասարակ ճամբարից դուրս կորչելու ձեր հրամանը, քանի որ ես ենթարկվում եմ բարձրագույն ինստանցիայի հրամանին։ Չէ՞ որ ես այստեղ հանձնակատար եմ,— հպարտորեն ավելացրեց Շվեյկը։— Պարոն գնդապետ Շրեդերը ինձ գործուղել է տասնմեկերորդ վաշտ, պարոն օբեր-լեյտենանտի տրամադրության տակ, որի մոտ ես առաջ սպասյակ էի, բայց իմ բնատուր ինտելիգենտության շնորհիվ արժանացա աստիճանի բարձրացման և հանձնակատար դարձա։ Ես ու պարոն օբեր-լեյտենանտը արդեն հին ծանոթներ ենք։ Իսկ դուք խաղաղ ժամանակ ի՞նչ գործ էիք անում, պարոն ավագ գրագիր։

Գնդի գրագիր Վանեկն այնպես թևաթափ եղավ քաջարի զինվոր Շվեյկի տնավարի, անպատշաճորեն մտերմական տոնից, որ, մոռանալով իր աստիճանը, որով սիրում էր իր վաշտի զինվորների առաջ փայլել, պատասխանեց այնպես, որ կարծես Շվեյկի ստորադրյալը լիներ։

— Ես Կրալուպիում դեղագործական խանութ ունեմ։ Ազգանունս է Վանեկ։

— Ես էլ էի դեղագործություն սովորում,— պատասխանեց Շվեյկը,— Պրագայի Պետրշինա թաղում ապրող պան Կոկոշկայի մոտ։ Նա չափազանց տարօրինակ մարդ էր, և երբ ես մի անգամ սխալմամբ վառեցի բենզինի տակառը և նրա տունը այրվեց, նա ինձ վռնդեց և այլևս ոչ մի տեղ ինձ աշխատանքի չէին ընդունում, այնպես որ այդ տխմար բենզինի տակառի պատճառով ինձ չհաջողվեց ուսումս ավարտել։ Իսկ դուք երբևէ կովերի բուժիչ խոտեր պատրաստե՞լ եք։

Վանեկը բացասաբար շարժեց գլուխը։

— Մենք կովերի բուժիչ խոտերը պատրաստում էինք օծված սրբապատկերներ պատրաստելու հետ միասին։ Մեր դեղատնատեր Կոկոշկան բացառիկ բարեպաշտ մարդ էր և մի տեղ կարդացել էր, թե սուրբ Ուխտագնացը անասուններին բուժել է փորափքությունից։ Եվ ահա, նրա պատվերով Սմիխովում տպեցին սուրբ Ուխտագնացի պատկերները, որոնք նա տարավ Էմաուսի վանքը, որտեղ երկու հարյուր ոսկով օծեցին, որից հետո մենք այդ պատկերները, կովերի համար պատրաստած մեր բուժիչ խոտերի հետ, դնում էինք ծրարների մեջ։ Այդ բուժիչ խոտերը տաք ջրի մեջ լավ բացում, լցնում էին տաշտի մեջ ու կովին խմել տալիս։ Ընդ որում անասունի գլխին կարդում էին սուրբ Ուխտագնացին ուղղված մի փոքրիկ աղոթք, որ հորինել էր մեր գործակատար Տաուհենը, իսկ դա այսպես էր եղել։ Երբ սուրբ Ուխտագնացի այդ պատկերները պատրաստ էին, անհրաժեշտ էր դրանց մյուս երեսին որևէ աղոթք տպագրել։ Եվ ահա երեկոյան մեր ծերուկ Կոկոշկան կանչեց Տաուհենին և նրան պատվիրեց մինչև առավոտ մեր սրբապատկերների ու բուժիչ խոտերի համար մի աղոթք հորինել, այն հաշվով, որ մյուս օրը ժամը տասին, երբ նա գա խանութ, աղոթքը պատրաստ լինի տպարան ուղարկելու, քանի որ կովերն արդեն վաղուց այդ աղոթքին են սպասում։ Երկուսից մեկը,— ասաց Կոկոշկան,— եթե լավ աղոթք հորինի, ապա ինքը նրան մի գուլդեն կպարգևի, իսկ եթե ոչ՝ երկու շաբաթից հետո նա վերջնահաշիվ կստանա։ Պան Տաուհենը ամբողջ գիշերը քրտինք թափեց, առավոտյան քունը գլխին եկավ խանութը բացելու, բայց դեռ ոչինչ չէր գրել։ Դեռ ավելին․ նույնիսկ մոռացել էր այդ բուժիչ խոտերի սրբի անունը։ Նրան փորձանքից ազատեց մեր խանութի ծառա, Ֆերդինանդը։ Սրա ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Երբ մենք ձեղնահարկում թեյի համար երիցուկ էինք չորացնում, նա, մեկ էլ տեսար, բոբկանում էր ու մտնում այդ երիցուկի մեջ։ Նա մեզ ասում էր, թե դրանից հետո ոտքերն այլևս չեն քրտնում։ Նա կարողանում էր ձեղնահարկում աղավնիներ որսալ, կարողանում էր բացել փողի գզրոցը և մեզ փող վաստակելու ուրիշ միջոցներ էլ էր սովորեցնում։ Եվ ես, լակոտ տեղովս, տանն այնպիսի դեղատուն ունեի,— դա խանութից թռցրել ու տարել էի տուն,— ինչպիսին չուներ նույնիսկ «Գթասիրտ մարդկանց մոտ» հիվանդանոցը։ Եվ ահա Տաուհենին փրկեց հենց այդ Ֆերդինանդը։ «Թողեք, ասում է, մի տեսնեմ»։ Պան Տաուհենը անմիջապես ինձ ուղարկեց նրա համար գարեջուր բերելու։ Դեռ գարեջուր չէի բերել, որ Ֆերդինանդը գործի կեսն արդեն արել էր, և մեզ համար կարդաց.

Ահա երկնքից մի ձայն է հնչում,
Եվ մարդիկ հանգիստ սրտով են շնչում։
Կոկոշկայի մոտ ձմեռ ու ամառ
Բի հրաշք խոտ կա տավարի համար։

Ապաքինում է նա բոլորովին
(Պտղունցը արժե մի գուլդեն միայն)
Ե՛վ հիվանդ հորթին, և՛ հիվանդ կովին՝
Առանց բժշկի միջամտության։

Իսկ հետո, երբ Ֆերդինանդը ուզածին պես գլուխը քաշեց ստամոքսի կաթիլներին խառնած սպիրտը, գործն արագ ընթացավ, և նա մի ակնթարթում հիանալի ավարտեց.

Խոտն այդ գտել է սուրբ Ուխտավորը,
Ուստի թող նրան փառք տան բոլորը.
Ո՜վ դու կովերի փրկիչ հրաշագործ,
Մեր խեղճ նախիրը պահպանիր անփորձ։

Իսկ հետո, երբ պան Կոկոշկան եկավ, պան Տաուհենը նրա հետ մտավ գրասենյակ, իսկ այնտեղից դուրս գալիս մեզ ցույց տվեց երկու, և ոչ թե մեկ գուլդեն, որ նրան խոստացել էր Կոկոշկան։ Նա ուզում էր ստացածը պան Ֆերդինանդի հետ հավասար կես անել, բայց այդ երկու գուլդենը տեսնելուն պես ծառա Ֆերդինանդը համակվեց շահամոլությամբ ու ասաց․ «Կամ բոլորը, կամ ոչինչ»։ Պան Տաուհենն էլ նրան ոչինչ չտվեց և այդ երկու գուլդենն իրեն պահեց։ Հետո ինձ տարավ խանութ, վզակոթիս հասցրեց ու ասաց, որ ես այդպիսի հարյուր հարված էլ կստանամ, եթե երբևէ համարձակվեմ ասել, թե ոտանավորը նա չի գրել։ Եթե Ֆերդինանդը գնա մեր տիրոջը գանգատվելու, ապա ես պարտավոր եմ ասել, թե ծառա Ֆերդինանդը ստախոս է։ Ստիպված եղա թարխունի քացախի շշի առաջ երդվել, թե այդպես կվարվեմ։ Իսկ մեր ծառան սկսեց իր բարկությունը կովերին բուժող խոտերի գլխին թափել։ Մենք այդ խոտերը ձեղնահարկում պահում էինք խոշոր արկղերի մեջ, իսկ նա, չգիտես որտեղից մկան կղկղանք էր ճարում, ծեծում ու խառնում այդ բուժիչ խոտին։ Հետո փողոցից ձիու թրիք էր հավաքում, տանը չորացնում, հավանգի մեջ ծեծում և դա էլ լցնում կովերին բուժող խոտի և սուրբ Ուխտագնացի պատկերների վրա, բայց դրանով էլ չէր բավարարվում։ Միզում, դուրս էր գնում այդ արկղերի մեջ, իսկ հետո այդ ամենը իրար խառնում։ Ստացվում էր խաշի պես մի բան…

Հնչեց հեռախոսի զանգը։ Ավագ գրագիրը վազեց հեռախոսի մոտ, ապա զզվանքով հեռախոսափողը ցած գցեց։

— Պետք է գնամ գնդի գրասենյակ։ Այդպես հանկա՜րծ… Դա ինձ մի տեսակ դուր չի գալիս։

Շվեյկը նորից մնաց մենակ։

Մի րոպե հետո զանգը նորից հնչեց։

Շվեյկն սկսեց հեռախոսային խոսակցությունը.

— Վանե՞կը… Նա գնաց գնդի գրասենյակ։ Ով է հեռախոսի մո՞տ։ Տասնմեկերորդ երթային վաշտի, հանձնակատարը։ Իսկ այդտեղ ո՞վ է հեռախոսի մոտ։ Տասներկուերորդ վաշտի հանձնակատա՞րը։ Հարգանացս հավաստիքը, կոլեգա։ Իմ ազգանո՞ւնը։ Շվեյկ։ Իսկ քո՞նը։ Բրաո՞ւն։ Կառլինի Նաբերեմնա փողոցում մի գդակ կարող Բրաուն կա, նա քեզ հո ազգական չի։ Չէ՞։ Այդպիսի մարդու չե՞ս ճանաչում… Ես էլ չեմ ճանաչում։ Մի անգամ տրամվայով անցնում էի, նրա խանութի ցուցանակն աչքովս ընկավ․․․ Ինչ նորություն կա՞․․․ Ես ոչինչ չգիտեմ։ Երբ ենք գնո՞ւմ։ Գնալու մասին դեռ ոչ ոքի հետ չեմ խոսել։ Իսկ ո՞ւր պիտի գնանք…

— Ա՜յ քեզ դդում։ Վաշտի հետ ռազմաճակատ։

― Այդ մասին դեռ բան չեմ լսել։

— Խոսք չունեմ, լա՜վ հանձնակատար ես։ Իսկ քո լեյտենանտն ի՞նչ է անում։

— Ոչ թե լեյտենանտը, այլ օբեր-լեյտենանտը։

— Դա միևնույն է։ Քո օբեր-լեյտենանտը գնա՞ց գնդապետի մոտ խորհրդակցության։

— Նա նրան կանչել էր այնտեղ։

— Ա՛յ, տեսնում ես։ Մերն էլ գնաց այնտեղ, տասներեքերորդ վաշտի հրամանատարն էլ։ Ես հենց նոր հեռախոսով խոսում էի նրանց հանձնակատարի հետ։ Այդ շտապողականությունը ինձ մի տեսակ դուր չի գալիս։

— Իսկ չգիտե՞ս, նվագախումբը իրերը չի՞ կապկպում։

— Ոչինչ չգիտեմ։

— Քեզ հիմարի տեղ մի դիր։ Ասում են, որ ձեր ավագ գրագիրը վագոնների բեռնագրերն արդեն ստացել է։ Ճիշտ է, չէ՞։ Դուք քանի զինվոր ունեք։

— Չգիտեմ։

— Ախ դու, դատարկագլուխ, ես հո քեզ չեմ ուտի։ (Լսվեց, թե ինչպես հեռախոսով խոսողը դիմեց իր մոտ գտնվող ինչ-որ մեկի, «Ֆրանտա, վերցրու երկրորդ փողը, տես թե տասնմեկերորդ վաշտն ինչպիսի հիմար հանձնակատար ունի»)։ Ալլո, քնա՞ծ ես, քեզ ի՞նչ պատահեց։ Դե, պատասխանիր, երբ կոլեգադ բան է հարցնում։ Ուրեմն, դեռ ոչինչ չգիտե՞ս։ Մի՛ թաքցրու։ Մի՞թե ավագ գրագիրը չի ասել, որ ձեզ պահածո են տալու։ Դու նրա հետ այդպիսի բաների մասին չես խոսո՞ւմ։ Ա՛յ քեզ դդում։ Դա քեզ չի վերաբերվո՞ւմ։ (Ծիծաղ լսվեց)։ Հը՞, չլինի տանիքից գլխիդ աղյուս ընկավ։ Դե լավ, հենց որ մի բան իմանաս՝ զանգահարիր տասներկուերորդ երթային գունդ, ազի՛զ տխմար։ Որտեղացի՞ ես։

— Պրագացի։

— Այդ դեպքում մի քիչ խելոք պիտի լինեիր։ Հա՛, մի բան էլ հարցնեմ։ Ձեր ավագ գրագիրը գրասենյակից ե՞րբ գնաց։

— Հենց նոր կանչեցին։

― Ահա թե ինչ։ Իսկ չէի՞ր կարող ավելի շուտ ասել։ Մերն էլ հենց նոր գնաց։ Այնտեղ ինչ-որ վատ բան է կատարվում։ Գումակի հետ դեռ չե՞ս խոսել։

— Ոչ։

— Հիսո՜ւս Քրիստոս։ Եվ դեռ ասում ես՝ պրագացի ես։ Ոչ մի բանի մասին չես հոգում։ Ամբողջ օրը որտե՞ղ ես քարշ գալիս։

— Ընդամենը մի ժամ առաջ եմ եկել դիվիզիոնի դատարանից։

― Դա արդեն ուրիշ բան է, ընկեր։ Հենց այսօր կանցնեմ ձեզ մոտ՝ երեսդ տեսնելու։ Երկու անգամ ավարտանշան տուր։

Նոր էր Շվեյկն ուզում ծխամորճը վառել, երբ նորից հեռախոսի զանգը հնչեց։ «Գրողի ծոցը գնաք դուք ձեր հեռախոսով,— մտածեց Շվեյկը,— գլո՜ւխ ունեմ ձեզ հետ շաղակրատելու»։

Բայց զանգն անողոք կերպով շարունակում էր հնչել, այնպես որ, վերջապես, Շվեյկի համբերությունը հատավ, նա վերցրեց հեռախոսափողը և բղավեց.

— Ալլո՛։ Ո՞վ է խոսում։ Լսում է տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Շվեյկը։

Շվեյկը ճանաչեց պորուչիկ Լուկաշի ձայնը.

— Ի՞նչ եք անում այդտեղ։ Ո՞ւր է Վանեկը։ Անմիջապես հեռախոսի մոտ կանչել Վանեկին։

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, զանգը նոր հնչեց։

— Լսեցեք, Շվեյկ, ես ձեր հիմարությունները լսելու ժամանակ չունեմ։ Զինվորական ծառայության մեջ հեռախոսային խոսակցությունը հեռախոսային զևզեկություն չէ, որով զբաղվում են մեկնումեկին ճաշի հրավիրելիս։ Հեռախոսային խոսակցությունը պետք է լինի պարզ ու հակիրճ։ Հեռախոսով խոսելիս «համարձակվում եմ զեկուցել»-ը «օբեր-լեյտենանտ»-ը չեն գործածվում… Եվ այդպես, ես ձեզ հարցնում եմ, Շվեյկ, Վանեկն այդտե՞ղ է։ Թող անմիջապես մոտենա հեռախոսին։

— Համարձկվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նա առկա չէ։ Նրան հենց նոր, երևի քառորդ ժամ էլ չի լինի, մեր գրասենյակից կանչեցին գնդի գրասենյակ։

— Թող մի տուն գամ, ձեր ճաշը կեփեմ։ Չե՞ք կարող կարճ արտահայտվել։ Ուշադիր լսեցեք, թե հիմա ինչ եմ ասելու։ Որ հետո չարդարանաք, թե հեռախոսը խրխռում էր․․․ Անհապաղ, հեռախոսափողը կախելուն պես…

Պաուզա։

Նորից զանգ։

Շվեյկը վերցնում է հեռախոսափողը, և նրա գլխին հայհոյանքներ են տեղում.

— Անասո՛ւն, խուլիգա՛ն, սրիկա՛։ Ի՞նչ եք անում, ինչո՞ւ խոսակցությունն ընդհատեցիք։

— Դուք բարեհաճեցիք ասել, որ հեռախոսափողը կախեմ։

— Մի ժամից ես տուն կգամ։ Այն ժամանակ ձեր հալը կտեսնեք։ Անմիջապես վեր կացեք և գնացեք բարաք, այնտեղ գտեք դասակապետներից մեկին, թեկուզ Ֆուքսին, և ասացեք, որ անմիջապես վերցնի տասը զինվոր և նրանց հետ գնա պահեստ՝ պահածո ստանալու։ Կրկնեցեք, թե նա ինչ պիտի անի։

— Տասը զինվոր վերցրած գնա պահեստ պահածո ստանալու։

— Վերջապես մի քիչ խելոքացաք։ Իսկ առայժմ կզանգահարեմ գնդի գրասենյակ, Վանեկին, որ նա էլ գնա պահեստ՝ պահածոներն ընդունելու։ Իսկ եթե մինչ այդ բարաք վերադառնա, թող ամեն ինչ թողնի և վազի պահեստ։ Իսկ հիմա հեռախոսափողը կախեցեք։

Շվեյկը բավական երկար և ապարդյուն փնտրում էր Ֆուքսին և մյուս ենթասպաներին։ Նրանք բոլորը տնկվել էին խոհանոցի մոտ, կրծմրծում էին ոսկորների վրա մնացած մսերը և զվարճանում սյանը կապված Բալոունին նայելով, որը, ճիշտ է, ոտքի ամբողջ թաթով հենված էր գետնին, քանի որ նրան գթացել էին։ Հետաքրքիր մի տեսարան էր դա։ Խոհարարներից մեկը Բալոունի համար մի կողոսկր բերեց և խոթեց նրա բերանը։ Մորուքավոր հսկա Բալոունը ձեռքերով գորձելու հնարավորություն չունենալով, զգուշաբար ոսկորը շուռումուռ էր տալիս բերանում, գործելով ատամներով ու լնդերով։ Նա միսը կրծմրծում էր անտառաոգու տեսքով։

— Ձեզնից ո՞վ է դասակապետ Ֆուքսը,— հարցրեց Շվեյկը, վերջապես ենթասպաներին գտնելով։

Դասակապետ Ֆուքսն անհրաժեշտ չհամարեց պատասխանել, տեսնելով, որ իրեն հարցնողն ինչոր շարքային հետևակ զինվոր է։

— Ձեզ բան եմ ասում,— գոռաց Շվեյկը,— դեռ երկա՞ր պիտի հարցնեմ։ Որտե՞ղ է դասակապետ Ֆուքսը։

Դասակապետ Ֆուքսն առաջ եկավ և, ուռած-փքված, սկսեց Շվեյկին շշպռել, թե ինքը ոչ թե դասակապետ է, այլ պարոն դասակապետ, և չի կարելի բղավել, թե «ո՞ւր է դասակապետը», այլ հարկավոր է ասել. «համարձակվում եմ զեկուցել, արդյոք այստե՞ղ է պարոն դասակապետը»։ Եթե իր դասակում մեկնումեկը մոռանում է ասել «Ich melde gehorsam»[100], ապա ինքը նրա ռեխը ջարդում է։

— Մի քիչ կամա՜ց,— խոհեմաբար ասաց Շվեյկը։— Անմիջապես վեր կացեք, գնացեք բարաք, այնտեղից տասը զինվոր վերցրեք և նրանց հետ վազքով մա՛րշ դեպի պահեստ՝ պահածո ստանալու։

Դասակապետն այնպես շշմեց, որ հազիվ կարողացավ ասել.

— Ի՞նչ…

— Ոչ մի «ինչ»,— պատասխանեց Շվեյկը։— Ես տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատարն եմ և հենց նոր հեռախոսով խոսում էի պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի հետ, որն ասաց. «Տասը շարքային զինվորի հետ վազքով մարշ դեպի պահեստ»։ Եթե չգնաք, պարոն դասակապետ Ֆուքս, ես կվերադառնամ հեռախոսի մոտ։ Պարոն օբեր-լեյտենանտը պահանջում է, որ ինչ էլ լինի՝ գնաք։ Ոչ մի առարկություն չի կարող լինել։ «Հեռախոսային խոսակցությունը,— ասում է պորուչիկ Լակաշը,— պետք է լինի պարզ և հակիրճ»։ Եթե դասակապետ Ֆուքսին ասված է գնալ, ապա դասակապետ Ֆուքսը պետք է գնա։ Այդ հրամանը ձեզ համար ինչ-որ զևզեկություն չէ, որով զրաղվում են որևէ մեկին ճաշի հրավիրելիս։ Զինվորական ծառայության մեջ, մանավանդ պատերազմի ժամանակ, ամեն մի հապաղում հանցագործության է։ «Եթե այդ դասակապետ Ֆուքսը ձեր ասելուն պես չգնա, հեռախոսով ինձ հայտնեցեք, և ես նրա հախից կգամ։ Ես դասակապետ Ֆուքսի թոզը քամուն կտամ»։ Երևում է, սիրելի՛ս, դուք պարոն օրեր-լեյտենանտին լավ չեք ճանաչում։

Շվեյկը հաղթականորեն նայեց ենթասպաներին, որոնք նրա ելույթից զարմացել և իրենց ոչնչացած էին զգում։

Դասակապետ Ֆուքսը ինչ-որ անհասկանալի բան մրթմրթաց և արագ քայլերով հեռացավ։ Շվեյկը նրա հետևից գոռաց.

— Ուրեմն, կարո՞ղ եմ պարոն օրեր-լեյտենանտին զանգահարել, որ ամեն ինչ կարգին է։

— Տասը զինվորների հետ անհապաղ կլինեմ պահեստում,— պատասխանեց դասակապետ Ֆուքսը, արդեն մոտենալով բարաքին։

Իսկ Շվեյկը, ոչ մի խոսք չասելով, թողեց հեռացավ, թողնելով ենթասպաներին, որոնք շշմած էին դասակապետ Ֆուքսից ոչ պակաս։

— Սկսվո՜ւմ է,— ասաց կարճլիկ կապրալ Բլաժեկը,— ունեցած-չունեցածներս պետք է կապկպենք։

Շվեյկը վերադարձավ տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակը։ Նոր էր նա ծխամորճը վառել, երբ հեռախոսի զանգը հնչեց։ Շվեյկի հետ նորից խոսում էր պորուչիկ Լուկաշը։

— Որտե՞ղ եք թրև գալիս, Շվեյկ։ Արդեն երրորդ անգամն է, որ զանգահարում եմ, և ոչ ոք չի պատասխանում։

— Փնտրում էի, պարոն օբեր-լեյտենանտ։

— Հը՞, արդեն գնացի՞ն։

— Իհարկե, գնացին, բայց չգիտեմ այնտեղից եկե՞լ են։ Մեկ էլ վազ չտա՞մ։

— Դասակապետ Ֆուքսին գտա՞ք։

— Գտա, պարոն օբեր-լեյտենանտ։ Սկզբում նա ինձ ասաց «ի՞նչ», բայց երբ նրան բացատրեցի, որ հեռախոսային խոսակցությունը պետք է լինի հակիրճ և պարզ․․․

— Հիմար-հիմար մի խոսեք, Շվեյկ․․․ Վանեկը դեռ չի՞ վերադարձել։

— Չի վերադարձել, պարոն օբեր-լեյտենանտ։

— Այդպես մի բղավեք հեռախոսափողի մեջ։ Չգիտե՞ք, թե հիմա որտեղ կարող է լինել այդ նզովյալ Վանեկը։

— Չգիտեմ, պարոն օբեր-լեյտենանտ, թե որտեղ կարող է լինել այդ նզովյալ Վանեկը։

— Նա գնդի գրասենյակում է եղել, բայց ինչ-որ տեղ է գնացել… Գնացեք այնտեղ նրա մոտ, Շվեյկ, և ասացեք, որ անմիջակես գնա պահեստ։ Եվ հետո, անմիջապես գտեք կապրալ Բլաժեկին և ասացեք, որ Բալոունին անհապաղ արձակի, և Բալոունին ուղարկեցեք ինձ մոտ։ Խոսափողը կախեցեք։

Շվեյկը ձեռ ու ոտ ընկավ, գտավ կապրալ Բլաժեկին և նրան հայտնեց պորուչիկի հրամանը Բալոունին արձակելու մասին։ Կապրալ Բլաժեկը մրթմրթաց.

— Հենց որ նեղն են ընկնում, սկսում են վախենալ։

Շվեյկը գնաց տեսնելու, թե ինչպես են արձակելու Բալոունին, իսկ հետո ուղեկցեց նրան, քանի որ երկուսն էլ քայլում էին կանտինայի ճանապարհով, որտեղ Շվեյկը պետք է գտներ ավագ գրագիր Վանեկին։

Բալոունը Շվեյկին նայում էր ինչպես իր ազատարարի վրա և նրան խոստացավ, թե նրա հետ կկիսի այն բոլոր ծանրոցները՝ որ երբևէ տնից կստանա։

— Շուտով մեր տանը խոզ են մորթելու,— մելամաղձոտ ասաց Բալոունը։— Դու խոզի ո՞ր երշիկն ես սիրում, արյունով պատրաստա՞ծ թե առանց արյունի։ Ասա, մի՛ քաշվիր, ես հենց այս գիշեր նամակ եմ գրելու տուն։ Իմ այդ խոզը համարյա հարյուր հիսուն կիլո կլինի։ Գլուխը ոնց որ բուլդոգի գլուխ, իսկ այդ տեսակ խոզերը ամենից լավն են։ Այդպիսի խոզից մարդ վնաս չի տեսնի։ Խոզի այդ ցեղատեսակը, ախպերացու, մարդու ամոթով չի թողնի։ Վրան ութ մատ ճարպ կա։ Տանը լյարդաթոքի երշիկն ես ինքս էի պատրաստում։ Օր էր լինում, այնքան ֆարշ էի խպշտում, որ քիչ էր մնում տրաքեի։ Անցյալ տարվա խոզը հարյուր վաթսուն կիլո էր։ Ա՛յ թե խոզ եմ ասել,— հիացմունքով ասաց նա հրաժեշտ տալիս, ամուր սեղմելով Շվեյկի ձեռքը։— Իսկ ես նրան կերակրում էի միայն կարտոֆիլով և ինքս էլ զարմանում, թե ինչքան արագ է չաղանում։ Մի կտոր աղաջրի մեջ պահած ու տապակած վետչինա, հետը կաղամբ ու կարտոֆիլի կնեդլիկներ, վրան խորխոզի ցանած… Մարդ մատները կլպստի։ Դրանից հետո մարդ գարեջուրն էլ հաճույքով է խմում… Կյանք հո չի, իսկը դրախտ։ Մարդուս էլ ի՞նչ է պետք։ Եվ պատերազմն այդ բոլորից մեզ զրկեց։

Մեծամորուք Բալոունը մի խոր հոգոց քաշեց և գնաց դեպի գնդի գրասենյակը, իսկ Շվեյկը լորենիների հին ծառուղիով քայլերն ուղղեց դեպի կանտինա։

Ավագ գրագիր Վանեկը երանալից տեսքով նստած էր կանտինայում և իր ծանոթ շտաբի գրագրին բացատրում էր, թե պատերազմից առաջ էմալի և ցեմենտի ներկերի վաճառքից ինչքան կարելի էր շահել։ Շտաբի գրագիրը թունդ հարբած էր։ Ցերեկը Պարդուբիցիից եկել էր մի հարուստ կալվածատեր, որի տղան գտնվում էր ճամբարում, նրան մեծ կաշառք էր տվել և առավոտից մինչև կեսօր քաղաքում հյուրասիրել։

Հիմա շտաբի գրագիրը բոլորովին վհատված էր, որ ախորժակը կորել է, չէր կարողանում հասկանալ, թե խոսքն ինչի մասին է, իսկ էմալի ներկերին վերաբերող տրակտատին բնավ չէր անդրադառնում։

Նա զբաղված էր իր սեփական խոհերով և քթի տակ քրթմնջում էր, թե երկաթուղաճյուղը պետք է ձգվեր Տրեշեբոնից դեպի Պիլիգրիմով, իսկ հետո հետ դառնար։

Երբ Շվեյկը ներս մտավ, Վանեկը ջանում էր շտաբի գրագրին մի անգամ ևս թվերով բացատրել, թե մի կիլոգրամ շինարարական ներկից ինչքան էին վաստակում, մի բան, որին շտաբի գրագիրն անառիթ պատասխանեց.

— Վերադարձի ճանապարհին նա մեռավ, թողնելով միայն նամակներ։

Տեսնելով Շվեյկին, նա, ըստ երևույթին, նրան ինչ-որ չսիրած մարդու տեղ դրեց և սկսեց որովայնախոս անվանել։

Շվեյկը մոտեցավ Վանեկին, որը նույնպես խմած էր, բայց, համենայն դեպս, բարեհամբույր էր և սիրալիր։

— Պարոն ավագ գրագիր,— զեկուցեց նրան Շվեյկը,— անմիջապես գնացեք պահեստ և պահածո ստացեք։ Այնտեղ դասակապետ Ֆուքսը տասը զինվորներով ձեզ է սպասում։ Ինչքան ոտքներումդ ուժ կա, վազքով մա՛րշ։ Պարոն օբեբ-լեյտենանտն արդեն երկու անգամ հեռախոսել է։

Վանեկը սկսեց ծիծաղել.

— Մանկիկս, ես ապո՞ւշ եմ, ինչ է։ Չէ՞ որ դրա համար ստիպված պիտի լինեի ինքս ինձ հայհոյել, հրեշտակս։ Դեռ ժամանակ շատ կա։ Հո հետևներիցս չեն ընկել, անգի՛նս։ Նախ և առաջ պարոն Լուկաշն այնքան երթային վաշտեր ճանապարհի, որքան ես, և նոր միայն խոսի։ Երևի այն ժամանակ իր «վազքով մարշ»-ով ոչ-ոքի իզուր չի անհանգստացնի։ Գնդի գրասենյակում ես արդեն հրաման ստացա, որ վաղը մեկնում ենք, որ հարկավոր է եղած-չեղածը հավաքել և անհապաղ գնալ ճանապարհի համար պարեն ստանալու։ Իսկ ի՞նչ ես կարծում, ես ի՞նչ արի։ Շատ հանգիստ մտա այստեղ քառորդ լիտր գինի խմելու։ Ես հանգիստ նստած եմ այստեղ, և թող ամեն ինչ իր ճանապարհով գնա։ Պահածոն կմնա պահածո, պարենը՝ պարեն։ Ես պահեստի տեղն ավելի լավ գիտեմ, քան պարոն օբեր-լեյտենանտը, և հասկանում եմ, թե ինչ են խոսում գնդապետի մոտ՝ ավագ սպաների խորհրդակցություններում։ Չէ՞ որ պարոն գնդապետին միայն թվում է, թե պահեստում պահածո կա։ Մեր գնդի պահեստը երբեք պահածոյի պաշար չի ունեցել, և մենք դեպքից-դեպք պահածո ճարել ենք բրիգադում կամ փոխարինաբար վերցրել մոտակա գնդերից։ Հենց միայն Բենեշովյան գնդին երեք հարյուր տուփ պարտք ենք։ Հա՜, հա՜։ Թող նրանք իրենց խորհրդակցություններում խոսեն ինչ խելքներին կփչի։ Ո՞ւր ես շտապում։ Չէ՞ որ, միևնույն է, երբ մերոնք գնան պահեստ, կապտենարմուսը նրանց պիտի ասի, թե խելքները թռցրել են։ Ոչ մի երթային վաշտ ճանապարհի համար պահածո չի ստացել։ Ճիշտ չե՞մ ասում, քարթո՛ւ կարտոֆիլ,— դիմեց նա շտաբի գրագրին։

Շտաբի գրագիրը հավանաբար նիրհում էր կամ սպիտակ ջերմախտի նոպայով էր բռնվել, այնպես որ պատասխանեց.

— Նա քայլում էր բաց հովանոցը գլխին բռնած։

— Ավելի լավ կլինի,— շարունակեց ավագ գրագիը Վանեկը,— այդ ամենը բանի տեղ չդնել։ Եթե այսօր գնդի գրասենյակում ասել են, թե վաղը մեկնում ենք, ապա երեխան էլ չի հավատա։ Մի՞թե կարող ենք մեկնել առանց վագոնների։ Իմ ներկայությամբ զանգահարեցին կայարան։ Այնտեղ ոչ մի ազատ վագոն չկա։ Կրկնվում է ճիշտ նույնը, ինչ պատահեց վերջին երթային վաշտին։ Այն ժամանակ մենք երկու օր կայարանում նստել ու սպասում էինք, որ մեկնումեկը մեզ խղճա և մեզ համար գնացք ուղարկի։ Իսկ հետո չգիտեինք, թե ուր ենք գնում։ Նույնիսկ ինքր գնդապետը չգիտեր։ Արդեն ամբողջ Հունգարիան անցել էինք, և դեռ ոչ ոք չգիտեր՝ Սերբիա՞ ենք գնալու թե Ռուսաստան։ Ամեն մի կայարանից ուղիղ հեռախոսագծով խոսում էինք դիվիզիայի շտաբի հետ։ Իսկ մենք պարզապես կարկատանի նման մի բան էինք։ Մեզ, վերջապես, կարեցին-կպցրին Դուկլայի մոտ գտնվող ինչ-որ տեղի։ Այնտեղ մեզ մի թունդ ջարդեցին, և մենք նորից գնացինք վերակազմավորվելու։ Հարկավոր է չշտապե՛լ։ Իր ժամանակին ամեն ինչ կպարզվի, իսկ առայժմ շտապելու կարիք չկա։ Jawohl, nochmal![101] Այստեղի գինին հիանալի է,— շարունակեց Վանեկը, չլսելով, թե ինչպես շտաբի գրագիրն ինքն իրեն քրթմնջում է.

— Glauben Sie mir, ich habe bisher wenig von meinem Leben gehabt! Ich wundere mich über diese Frage․[102]

— Ինչո՞ւ իզուր անհանգստանամ երթային գումարտակի մեկնելու հարցով։ Առաջին երթային վաշտում, որի հետ ես գնում էի, ամեն ինչ պատրաստ էր ընդամենը երկու ժամ առաջ, և ամեն բան տեղը տեղին էր։ Մեր այն ժամանակվա երթային գումարտակի մյուս վաշտերը ճանապարհվելու համար ամբողջ երկու օր պատրաստվում էին, իսկ մեր վաշտի հրամանատար լեյտենանտ Պրշենոսիլը (մի այդպիսի ֆրանտ կար) մեզ ուղղակի ասաց, «Տղանե՛ր, մի շտապեք»։ Գնացքը մեկնելուց միայն մի ժամ առաջ սկսեցինք իրերը կապկպել։ Եվ ամեն ինչ լավ եղավ։ Ավելի լավ կլինի նստեք…

— Չեմ կարող,— հերոսական անձնուրացությամբ պատասխանեց քաջարի զինվոր Շվեյկը։— Պետք է գնամ գրասենյակ։ Մեկնումեկը կարող է զանգահարել։

— Դե լավ, գնացեք, անգի՛նս։ Միայն թե մեկընդմիշտ հիշեցեք, որ դա ձեր կողմից տգեղ բան է և որ իսկական հանձնակատարը երբեք չպետք է լինի այնտեղ, որտեղ նա հարկավոր է։ Երբեք ձեր պարտականություններն այդպես եռանդով մի կատարեք։ Հավատացեք, հոգյակս, չկա ավելի վատ բան, քան փութկոտ հանձնակատարը, որ վազվզում և ձեռ ու ոտ է ընկնում բոլորի փոխարեն։

Բայց Շվեյկն արդեն դռնից դուրս էր եկել և շտապում էր դեպի իր երթային գնդի գրասենյակը։

Վանեկը մենակ մնաց, քանզի բնավ չէր կարելի ասել, թե շտաբի գրագիրը նրան ընկերություն էր անում։ Վերջինս բոլորովին ներանձնացել էր և, գինու շիշը շոյելով, մերթ չեխերեն, մերթ գերմաներեն քրթմնջում էր այնպիսի զարմանալի բաներ, որ իրար հետ որևէ առնչություն չունեին․

— Ես շատ անգամ եմ անցել այս գյուղով, բայց ոչ մի գաղափար չունեի, որ նա աշխարհիս երեսին գոյություն ունի։ In einem halben Jahre habe ich meine Statsprüfung hinter mir und meinen Doktor gemacht։[103] Ես ծեր հաշմանդամ դարձա։ Շնորհակալ եմ, Լյուսի։ Erscheinen sie in schön ausgestatteten Bänden[104] գուցե ձեր մեջ մեկը կգտնվի, որը այդ բանը հիշում է։

Ավագ գրագիրը ձանձրույթից սկսեց ինչ-որ քայլերգ տկտկացնել, բայց ստիպված եղավ երկար ձանձրանալ. դուռը բացվեց և ներս մտավ սպայական խոհանոցի խոհարար Յուրայդան և փլվեց աթոռի վրա։

— Այսօր մեզ հրամայել էին ճանապարհի համար կոնյակ ստանալ,— թոթվեց նա։— Բայց մեր շշի մեջ դեռ ռոմ կար, և ստիպված էինք դատարկել, մի խոսքով՝ ստիպված եղանք մի լավ կոնծել։ Խոհանոցի բոլոր տղաները հարբեցին։ Ես ճաշի մի քանի բաժին սխալ հաշվեցի։ Գնդապետն ուշ եկավ, և նրան բաժին չհասավ։ Այդ պատճառով հիմա նրա համար օմլետ են պատրաստում։ Ա՜յ թե կոմեդիա էր։

— Հետաքրքրաշարժ արկածախնդրություն,— ասաց Վանեկը, որը խմելիս սիրում էր գեղեցիկ բառեր գործածել։

Խոհարար Յուրայդան սկսեց փիլիսոփայել, մի բան, որ նրա նախկին զբաղմունքին սազական էր։ Պատերազմից առաջ նա հրատարակում էր օկուլտային ժուռնալ և մի մատենաշար «Կյանքի և մահվան գաղտնիքներ» խորագրով։ Զինվորական ծառայության մեջ նա խցկվել էր դաշտային սպայական խոհանոց, և երբեմն, երբ տարվում էր հին հնդկական Պրահնա Պրամիտայի («Հայտնություն իմաստությանց») ընթերցանությամբ, նրա պատրաստած տապական խանձվում էր։ Գնդապետ Շրեդերը նրան գնահատում էր իբրև գնդում գտնվող անթիկա մի բան։ Հիրավի, ո՞ր սպայական խոհանոցը կարող էր պարծենալ այնպիսի խոհարար-օկուլտիստով, որը, թափանցելով կյանքի ու մահվան խորհուրդների մեջ, բոլորին զարմացնում էր սմետանով պատրաստած այնպիսի ֆիլեով կամ ռագույով, որ Կոմարովի մոտ մահացու վիրավոված պոդպորուչիկ Դուֆեկը շարունակ նրա անունն էր տալիս։

— Այո՛,— անպատեհ ասաց Յուրայդան, որը հազիվ էր կարողանում աթոռին նստած մնալ և որից տասը քայլի վրա ռոմի հոտ էր փչում,— երբ այսօր պարոն գնդապետին բաժին չհասավ և երբ նա տեսավ, որ միայն շոգեխաշ կարտոֆիլ է մնացել, ընկավ գակիի վիճակի մեջ։ Գիտե՞ք գակին ինչ է։ Դա քաղցած ոգիների վիճակն է։ Եվ ահա այդ ժամանակ ես նրան ասացի. «Արդյոք բավական ուժ ունե՞ք, պարոն գնդապետ, անդրդվելի մնալու բախտի ճակատագրական նախասահմանման առաջ, այսինքն դիմանալու այն բանին, որ ձեզ հորթի երիկամ չհասավ։ Կարմայով սահմանված է, որ դուք, պարոն գնդապետ, այսօր ընթրիքին աստվածային օմլետ և հորթի ծեծած, շոգեխաշ լյարդ ստանաք»։

— Սիրելի՛ բարեկամ,— կարճ պաուզայից հետո կիսաձայն դիմեց նա ավագ գրագրին, այդ միջոցին ակամա ձեռքը շարժելով և շուռ տալով սեղանի վրա իր առաջ դրված բոլոր բաժակները։— Գոյություն ունի բոլոր երևույթների, ձևերի ու իրերի անէություն,— մռայլ ասաց այդ գործողությունից հետո խոհարար-օկուլտիստը։― Ձևն անէություն է, իսկ անէությունը՝ ձև։ Անէությունն անբաժանելի է ձևից, ձևը՝ անէությունից։ Այն, ինչ անէություն է, հանդիսանում է և ձև, այն, ինչ ձև է, հանդիսանում է անէություն։— Խոհարար-օկուլտիստը գլուխը հենեց ձեռքին, խորասուզվեց լռության մեջ և սկսեց հայել գինուց թրջված սեղանը։

Շտաբի գրագիրը շարունակում էր ինչ-որ բան մրթմրթալ, որը ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ.

— Հացն անհետացավ դաշտերից — in dieser Stimmung erhilt er Einladung und ging zu ihr[105], հոգեգալստի տոնը գարնանն է լինում։

Ավագ գրագիր Վանեկը շարունակում էր տկտկացնել սեղանը, խմում էր և ժամանակ առ ժամանակ հիշում, որ պարենի պահեստի մոտ տասը զինվորներ, դասակապետի գլխավորությամբ, իրեն են սպասում։ Այդ բանը հիշելիս նա ժպտում էր և ձեռքը թափ տալիս։

Ուշ ժամին վերադառնալով տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակը, նա Շվեյկին գտավ հեռախոսի մոտ նստած.

— Ձևը անէություն է, իսկ անէությունը՝ ձև,— ասաց նա դժվարությամբ, առանց շորերը հանելու ընկավ մահճակի վրա և ձեռաց քնեց։

Շվեյկը շարունակեց հեռախոսի մոտ նստած մնալ, քանի որ դրանից երկու ժամ առաջ պորուչիկ Լուկաշը նրան հեռախոսով հայտնելով, թե ինքը դեռևս պարոն գնդապետի մոտ հրավիրված խորհրդակցությունում է, մոռացել էր ասել, թե նա կարող է հեռախոսից հեռանալ։

Այնուհետև Շվեյկի հետ խոսեց դասակապետ Ֆուքսը, որը տասը շարքայինների հետ իզուր սպասելով ավագ գրագրին, միայն հիմա էր նկատել, որ պահեստը փակ է։

Վերջապես, Ֆուքսը ինչ-որ տեղ գնաց, և տասը շարքայինները մեկը մյուսի հետևից վերադարձան իրենց բարաքը։ Շվեյկը ժամանակ առ ժամանակ իր ձանձրույթը փարատում էր նրանով, որ վերցնում էր հեռախոսափողը և ականջ դնում։ Հեռախոսը նորագույն սիստեմի էր, որ միայն վերջերս էր բանակում գործածության մեջ դրվել, և ուներ այն առավելությունը, որ նրանով կարելի էր ամբողջ գծի վրա միանգամայն պարզ լսել ուրիշների խոսակցությունները։

Գումակը հայհոյական խոսքեր էր փոխանակում հրետանավորների զորանոցի հետ, սակրավորները սպառնում էին դաշտային փոստին, հրաձգարանը հայհոյում էր գնդացրային զորամասին։

Իսկ Շվեյկը, տեղից վեր չկենալով, նստած էր ու նստած հեռախոսի մոտ…

Գնդապետի մոտ խորհրդակցոլթյունր շարունակվում էր։

Գնդապետ Շրեդերը մի նորագույն տեսություն էր զարգացնում դաշտային ծառայության մասին և առանձնապես ընդգծում նռնականետների նշանակությունը։

Նա անկապ-անկապ խոսում էր, թե երկու ամիս առաջ ռազմաճակատն ինչպես էր դասավորված, հարավում ու արևելքում, թե ինչպիսի կարևորություն ունի առանձին զորամասերի սերտ կապը, խոսում էր հեղձուցիչ գազերի, հակառակորդի սավառնակները գնդակոծելու, ռազմաճակատում զինվորների մատակարարման մասին և հետո անցավ բանակում գոյություն ունեցող ներքին փոխհարաբերություններին։ Ապա երկար-բարակ խոսեց այն վերաբերմունքի մասին, որ պետք է ունենան սպաները շարքայինների, իսկ շարքայինները ենթասպաների նկատմամբ, թշնամու կողմն անցնող փախստականների մասին, քաղաքական իրադարձությունների, ինչպես և այն մասին, որ չեխ զինվորների հիսուն տոկոսը քաղաքականապես անբարեհույս է։

― Jawohl, meine Herren, der Kramarsch, Scheiner und Klofatsch[106]

Այդ միջոցին սպաների մեծ մասը մտածում էր, թե վերջապես, ե՞րբ պիտի այդ ծեր շաղակրատն ավարտի իր դատարկախոսությունը, սակայն գնդապետ Շրեդերը շարունակում էր ամեն տեսակ հիմարություններ դուրս տալ նոր երթային գումարտակների նոր խնդիրների, կռվում ընկած սպաների, օդապարիկների, լարափակոցների, երդումի մասին․․․

Այդ ժամանակ պորուչիկ Լուկաշը հիշեց, որ երբ ամբողջ երթային գումարտակը երդում էր տալիս, քաջարի զինվոր Շվեյկին երդվելու չէին բերել, քանի որ այն օրերին նա նստած էր դիվիզիոնի դատարանում։

Եվ, այդ հիշելով, նա հանկարծ ծիծաղեց։

Դա հիստերիկ ծիծաղի պես մի բան էր, որով նա վարակեց իր կողքին նստած սպաներից մի քանիսին։ Նրա ծիծաղը գրավեց գնդապետի ուշադրությունը, իսկ գնդապետը հենց այդ պահին խոսում էր ինչ-որ փորձի մասին, որ ձեռք էր բերվել գերմանական բանակների Արդենյան նահանջի ժամանակ։ Այդ ամենը իրար խառնելով, գնդապետը վերջացրեց.

— Պարոնայք, դրանում ծիծաղելու բան չկա։

Հետո բոլորը գնացին սպայական ժողովարան, քանի որ գնդապետ Շրեդերին բրիգադի շտաբը հեռախոսի մոտ կանչեց։

Շվեյկը հեռախոսի մոտ նիրհում էր, երբ հանկարծ նրան արթնացրեց զանգը։

— Ալլո՛,— լսվեց հեռախոսափողի մեջ,— հեռախոսի մոտ է regmientskanlei-ը։

― Ալլո՛,— պատասխանեց Շվեյկը,— սա տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակն է։

― Մի ուշացրու,― լսվեց նույն ձայնը,― վերցրու մատիտը և գրիր։ Հեռախոսագիր ընդունիր։

— Տասնմեկերորդ երթային վաշտին…

Այնուհետև իրար հետևեցին ինչ-որ տարօրինակ ֆրազներ, քանի որ միաժամանակ խոսում էին տասներկուերորդ և տասներեքերորդ երթային վաշտերը, և հեռախոսագիրը բոլորովին անէացավ հնչյունների այդ քաոսի մեջ։ Շվեյկը ոչ մի բառ հասկանալ չէր կարողանում։ Վերջապես ամեն ինչ խաղաղվեց, և Շվեյկը կարողացավ լսել.

— Ալլո, ալլո, կրկնիր և մի ուշացրու։

— Ի՞նչը կրկնեմ։

— Ինչը կրկնե՞ս, դդո՛ւմ։ Հեռախոսագիրը։

— Ի՞նչ հեռախոսագիր։

— Գրո՛ղը տանի քեզ։ Խո՞զ ես, ինչ է։ Այն հեռախոսագիրը, որ քեզ թելադրեցի, դմբո՛։

— Ես ոչինչ չլսեցի, մի ուրիշն էլ էր խոսում։

— Էշի մեկը էշ։ Կարծում ես հետդ խա՞ղ եմ անում։ Հեռախոսագիրն ընդունելո՞ւ ես թե ոչ։ Մատիտ ու թուղթ ունե՞ս։ Ի՞նչ… Չունե՞ս… Անասո՛ւն։ Ուրեմն սպասեմ մինչև գտնե՞ս։ Ա՛յ թե զինվորներ են… Հը՛, ի՞նչ արիր։ Գուցե դեռ չե՞ս պատրաստվել։ Վերջապես տեղից շարժվեցիր։ Ուրեմն լսիր՝ 11. Marschkumpanie[107]. Կրկնիր։

― 11. Marschkumpanie.

― Kumpaniekommandant․․․[108] — Գրեցի՞ր։ Կրկնիր։

— Kumpaniekommandant…

— Zur Besprechung morgen…[109] — Գրեցի՞ր։ Կրկնիր։

— Zur Besprechung morgen…

— Um neun Uhr․ Unterschrift.[110] Հասկանո՞ւմ ես Unterschrift-ն ինչ է, կապի՛կ։ Դա նշանակում է ստորագրություն։ Ասածս կրկնիր։

— Um neun Uhr․ Unterschrift. Հասկանո՞ւմ ես Unterschift-ը ինչ է, կապիկ։— Դա նշանակում է ստորագրություն,― կրկնեց Շվեյկը։

— Հիմա՛ր։ Ստորագրություն՝ Oberst Schröder[111], անասո՛ւն։ Գրեցի՞ր։ Կրկնի՛ր։

— Oberst Schröder, անասո՛ւն։

— Վերջապես, դդո՛ւմ։ հեռախոսագիրն ո՞վ ընդունեց։

— Ես։

― Himmelherrgott![112]. Ո՞վ է այդ «ես»-ը։

— Շվեյկը։ Էլ ի՞նչ կա։

— Փա՛ռք աստծո, էլ ոչինչ։ Քեզ ավելի կսազեր «Էշեկ» ազգանունը։ Ի՞նչ նորություն կա ձեզ մոտ։

— Ոչ մի նորություն։ Ամեն ինչ առաջվանն է։

— Երևի, դա քեզ դուր է գալիս։ Այսօր ձեզ մոտ, ասում են, ինչ-որ մեկին կապել են, հա՞։

— Ընդամենը պարոն օբեր-լեյտենանտի սպասյակին։ Նրա ճաշը լափել էր։ Չգիտե՞ս երբ ենք ճանապարհվում։

— Համա՜ թե հարց տվիր, եղբայր․․․ Դա նույնիսկ ծերուկը չգիտե։ Բարի գիշեր։ Ձեզ մոտ լու շա՞տ կա։

Շվեյկը հեռախոսափողը կախեց ու սկսեց արթնացնել ավագ գրագիր Վանեկին, որը գազազած հայհոյում էր, իսկ երբ Շվեյկը սկսեց նրան թափահարել Վանեկը մի հարված հասցրեց նրա քթին, ապա շրջվեց փորի վրա և սկսեց քացի-քացի անել։

Շվեյկին այնուամենայնիվ հաջողվեց նրան արթնացնել, և նա, աչքերը տրորելով, դեմքը շրջեց դեպի նրա կողմը և վախեցած հարցրեց.

— Ի՞նչ է պատահել։

— Առանձին ոչինչ,— պատասխանեց Շվեյկը,— կուզեի ձեզ հետ խորհուրդ անել։ Հենց նոր հեռախոսագիր ստացանք, թե վաղը ժամը իննին պորուչիկ Լուկաշը պետք է գնա գեներալի մոտ խորհրդակցության։ Հիմա չգիտեմ ի՞նչ անեմ։ Հենց հիմա գնամ նրան հայտնեմ, թե՞ թողնեմ վաղվան։ Երկար մտածեցի, թե արժե՞ ձեզ արթնացնել, քանի որ այնպես լավ խռմփում էիք… Բայց հետո միտք արի, որ ինչքան չլինի մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ…

— Ի սեր աստծո, խնդրում եմ, մի խանգարեք ինձ քնել,— սկսեց բղավել Վանեկը՝ լիաբերան հորանջելով, գնացեք առավոտյան և ինձ մի արթնացրեք։

Նա շրջվեց կողքի վրա և իսկույն նորից քնեց։

Շվեյկը նորից նստեց հեռախոսի մոտ և, գլուխը սեղանին դնելով, սկսեց ննջել, բայց հեռախոսի զանգն արթնացրեց նրան։

— Ալլո, տասնմեկերորդ երթային վա՞շտն է։

— Այո, տասնմեկերորդ երթային վաշտը։ Ո՞վ է հարցնում։

— Տասներեքերորդ երթային վաշտը։ Ալլո։ Ժամը քանի՞սն է։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հեռախոսակայանի հետ կապվել։ Չգիտեմ ինչու այսքան ժամանակ չեն գալիս ինձ փոխարինելու։

— Մեր ժամացույցը կանգնած է։

— Ուրեմն՝ մերի պես։ Չգիտե՞ս երբ ենք ճանապարհվում։ Գնդի գրասենյակի հետ չե՞ս խոսել։

— Նրանք էլ մեզ պես բան չգիտեին… Մի՛ կոպտեք, օրիորդ։ Արդեն պահածո ստացա՞ք։ Մերոնք գնացին այնտեղ և բան չբերին։ Պահեստը փակ է եղել։

— Մերոնք էլ դատարկաձեռն եկան։ Միայն իզուր տեղը խուճապ են բարձրացնում։ Ի՞նչ ես կարծում, ո՞ւր ենք գնալու։

— Ռուսաստան։

— Իսկ իմ կարծիքով, ավելի շուտ՝ Սերբիա։ Դա կերևա Բուդապեշտ հասնելուց հետո։ Եթե մեզ դեպի աջ տանեն, ուրեմն՝ գնում ենք Սերբիա, իսկ եթե դեպի ձախ՝ Ռուսաստան։ Դուք արդեն իրեղենի տոպրակներ ունե՞ք։ Ասում են, ռոճիկը բարձրացնելու են։ «Երեքնուկ» խաղո՞ւմ ես։ Թե որ խաղում ես, վաղն այստեղ արի։ Մենք ամեն իրիկուն շփշփացնում ենք։ Հեռախոսի մոտ քանի՞ հոգի եք նստած։ Մի՞ հոգի։ Դե որ այդպես է, թքիր ամեն ինչի վրա ու գնա մրափիր։ Տարօրինակ կարգեր են ձեզ մոտ։ Երևի դու այստեղ քեզ այնպես ես զգում, ինչպես հավը եռման ջրի մեջ։ Է՛հ, վերջապես եկան ինձ փոխարինելու։ Դե՛, անուշ քուն։

Շվեյկն հիրավի անուշ քնեց հեռախոսի մոտ դրված սեղանի վրա, մոռանալով հեռախոսափողը կախել, այնպես որ ոչ ոք չէր կարող նրա քունը խանգարել։ Իսկ գնդի գրասենյակում հեռախոսավարն ամբողջ գիշերը հայհոյում էր, որ ոչ մի կերպ չի կարողանում կապվել տասնմեկերորդ երթային վաշտի հետ և հաղորդել մի նոր հեռախոսագիր, թե վաղը մինչև ցերեկվա ժամը տասներկուսը գնդի գրասենյակին պետք է ներկայացնել այն զինվորների ցուցակը, որոնց հակատիֆային պատվաստում չի արված։

Պորուչիկ Լուկաշը զինվորական բժիշկ Շանցլերի հետ դեռ նստած էր սպայական ժողովարանում։ Շանցլերը, աթոռին հեծած, բիլիարդի կիյով համաչափ տկտկացնում էր հատակը և հետն էլ արտաբերում հետևյալ ֆրազները.

— Սարակինոսյան Սալահ-Էդդին սուլթանն առաջինն էր, որ ճանաչեց սանիտարական անձնակազմի չեզոքությունը։

Կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմին պետք է վճարի դեղորայքի և բուժման ծախքերը։

Անհրաժեշտ է թույլատրել, որ բժիշկներին և բուժակներին գեներալական վկայականներով ուղարկեն վիրավոր թշնամիներին օգնություն ցույց տալու։

Անհրաժեշտ է նաև գերի ընկած վիրավորներին պահակների հսկողությամբ հետ ուղարկել կամ փոխանակել, հետո նրանք կարող են ծառայությունը շարունակել գործող բանակում։

Չի թույլատրվում երկու կողմերի հիվանդներին ո՛չ գերի վերցնել, ո՛չ սպանել. անհրաժեշտ է նրանց ուղարկել անվտանգ տեղերում գտնվող հոսպիտալներ։

Թույլատրվում է նրանց մոտ պահակախումբ թողնել, որը, ինչպես և հիվանդները, պետք է վերադառնան գեներալական վկայականներով։ Այդ ամենը տարածվում է նաև ռազմաճակատային հոգևորականների, բժիշկների, վիրաբույժների, դեղագործների, բուժակների, սանիտարների և հիվանդներին սպասարկող այլ անձանց վրա։ Նրանք բոլորը չեն կարող գերի վերցվել, այլ նույն կարգով պետք է հետ ուղարկվեն։

Բժիշկ Շանցլերն այդ միջոցին արդեն երկու կիյ, էր կոտրել և դեռ չէր ավարտել իր տարօրինակ դասախոսությունը պատերազմի ժամանակ վիրավորներին պահպանելու մասին, շարունակ իր ճառի մեջ խոթելով ինչ-որ անհասկանալի գեներալական վկայականներ։

Պորուչիկ Լուկաշը խմեց-վերջացրեց իր սև սուրճը և գնաց տուն, որտեղ տեսավ, որ մորուքավոր հսկա Բալոունը զբաղված է նրա սպիրտայրոցի վրա, երշիկ տապակելով։

— Ես հանդգնեցի,— կմկմալով ասաց Բալոունը,— ես ինձ թույլ տվի, համարձակվում եմ զեկուցել…

Լուկաշը հետաքրքրությամբ նայեց նրան։ Այդ պահին Բալոունը նրան թվաց մի մեծ երեխա, մի միամիտ արարած, և պորուչիկ Լուկաշը զղջաց, որ հրամայել էր նրան կապել իր վիթխարի ախորժակի համար։

— Տապակի՛ր, տապակի՛ր, Բալոուն,— ասաց նա, թուրն արձակելով,— ես կհրամայեմ վաղվանից քեզ համար մի բաժին ավելի հաց դուրս գրել։

Պորուչիկը նստեց սեղանի առաջ։ Հանկարծ նա իր հորաքրոջը սենտիմենտալ նամակ գրելու ցանկություն զգաց։ Եվ գրեց.

«Սիրելի՛ հորաքրւյր․

Հենց նոր հրաման ստացա, որ պատրաստվեմ իմ երթային վաշտով ռազմաճակատ մեկնելու։ Գուցե սա լինի վերջին նամակը, որ քեզ գրում եմ։ Ամենուրեք կատաղի մարտեր են և մեր կորուստները մեծ են։ Եվ ինձ համար դժվար է այս նամակն ավարտել «ցտեսություն» բառով։ Ավելի ճիշտ կլինի գրել «մնաս բարով»»։

«Կվերջացնեմ վաղն առավոտյան»,— մտածեց պորուչիկ Լուկաշը և գնաց քնելու։

Բալոունը տեսնելով, որ պորուչիկ Լուկաշը պինդ քնած է, նորից սկսեց բնակարանում դես ու դեն ընկնել ու պրպտել, ինչպես տարականները գիշեր ժամանակ. բացեց պորուչիկի ճամպրուկը և մի կտոր շոկոլադ կծեց։ Հանկարծ վախեցավ, երբ պորուչիկը քնի մեջ շարժվեց, կծած շոկոլադն հապշտապ դրեց ճամպրուկի մեջ և սսկվեց։

Հետո զգուշաբար նայեց, թե պորուչիկն ինչ է գրել։

Կարդաց և զգացվեց, մանավանդ «մնաս բարով» բառերը կարդալիս։

Նա պառկեց դռան մոտ փռած իր ծղոտե ներքնակի վրա և հիշեց հայրենի տունն ու այն օրերը, երբ խոզեր էին մորթում։

Բալոունը ոչ մի կերպ չէր կարողանում իրենից վանել այն պայծառ պատկերը, թե ինչպես ինքը ծակում է տլաչենկան, որպեսզի միջից օդը դուրս գա և խաշելիս չտրաքի։

Հիշելով, թե ինչպես մի անգամ հարևանների տանը մի ամբողջ երշիկ տրաքեց ու եփելուց քրքրվեց, նա քնեց անհանգիստ քնով։ Երազում տեսավ, որ անփորձ երշիկագործ է կանչել, որը լյարդաթոքի երշիկներն այնպես վատ է լցնում, որ անմիջապես տրաքում են։ Հետո տեսավ, որ մսագործը մոռացել է արյունի երշիկ պատրաստել, թե բուժենինան կորել է և լյարդաթոքի երշիկի համար աղիքները հերիք չեն անում։ Ապա տեսավ դաշտային դատարանը, թե իբր իրեն բռնել են երթային խոհանոցից մի կտոր միս գողանալիս։ Վերջապես, տեսավ, թե իբր ինքը Լեյտի Բրուկի զինվորական ճամբարի ծառուղիներում կախված է մի լորենուց։

Շվեյկն արթնացավ իր քնից ելնող արեգակի հետ, որը ծագեց խտացրած սուրճի անուշ բուրմունքի մեջ, որ փչում էր բոլոր վաշտային խոհանոցներից։ Շվեյկը մեքենաբար, այնպես, որ կարծես հեռախոսով խոսելը նոր էր ավարտել, հեռախոսափողը կախեց և դրա սենյակում սկսեց իր առավոտվա բուժազբոսանքը։ Այդ միջոցին նա երգում էր, սկսելով այն երգի կեսից, թե ինչպես զինվորը աղջկա շոր է հագնում և գնում ջրաղաց՝ իր սիրածի մոտ, իսկ ջրաղացպանը նրան պառկեցնում է քնելու իր աղջկա կողքին, բայց նախքան այդ գոռում.

Վեր կաց, պառա՛վ, բեր ապուրը,
Թող կուշտ ուտի ազիզ հյուրը։

Ջրաղացպանի կինը կերակրում է անպատկառ տղային, իսկ հետո սկսվում է ընտանեկան ողբերգությունը.

Ծեգին զարթնեց ջաղացպանը,
Տեսավ՝ գրած իր դռանը.
Ձեր աղջիկն այս իրիկունը
Կորցրել է իր կուսությունը։

Շվեյկն երգի վերջն այնպես բարձր երգեց, որ ամբողջ գրասենյակը լցվեց կենդանությամբ։ Ավագ գրագիր Վանեկն արթնացավ ու հարցրեց.

— ժամը քանի՞սն է։

— Այգաշեփորը հենց նոր փչեցին։

— Որ այդպես է, վեր կկենամ սուրճից հետո,— որոշեց Վանեկը, որ շտապելու սովորություն չուներ,— առանց այն էլ նորից պիտի մեզնից ձեռք չքաշեն ու վազվզեցնեն, ինչպես երեկ այն պահածոների համար։

Վանեկը հորանջեց ու հարցրեց․

— Երեկ տուն գնալուցս հետո հո ավելորդ բաներ դուրս չտվի՞։

— Որոշ անպատեհ բաներ դուրս տվիք,— ասաց Շվեյկը։— Շարունակ ձեզուձեզ ինչ որ ձևերի մասին էիք դատում, թե իբր ձևը ձև չէ, իսկ այն, ինչ ձև չէ՝ ձև է, և այդ ձևը դարձյալ ձև չէ։ Բայց դա ձեզ շուտ հոգնեցրեց, և դուք իսկույն սկսեցիք խռխռալ, ինչպես սղոցն աշխատելիս։

Շվեյկը լռեց, զբոսնելով հասավ դռանը, նորից դարձավ դեպի ավագ գրագրի մահճակը, կանգ առավ և սկսեց.

— Ինչ վերաբերվում է անձամբ ինձ, պարո՛ն ավագ գրագիր, ապա երբ լսեցի, թե այդ ձևերի մասին ինչ եք ասում, հիշեցի լապտերավառ Զատկային։ Այդ Զատկան ծառայում էր Լետնայի գազակայանում և նրա պարտականությունը լապտերները վառելն ու հանգցնելն էր։ Նա շատ լուսավորված մարդ էր, զանազան գիշերային գինետներ էր հաճախում, քանի որ լապտերները վառելուց մինչև հանգցնելը ժամանակ շատ կար, իսկ հետո, լուսադեմին, գազակայանում ճիշտ այնպիսի բաներ էր ասում, ինչպես, օրինակ, դուք երեկ, միայն թե նա այսպես էր խոսում. «Սրանք զառեր են, որովհետև դրանց վրա ես տեսնում եմ եզրեր ու երեսակներ»։ Ես դա ականջովս լսեցի, երբ մի անգամ, փողոցում մաքրություն պահպանած չլինելու համար, մի հարբած ոստիկան ինձ ոստիկանական վարչություն տանելու փոխարեն սխալմամբ տարավ գազակայան։ Հետո,— ասաց Շվեյկը ցածը ձայնով,— այդ Զատկայի վերջը վատ եղավ։ Նա սուրբ Մարիամի կոնգրեգացիայի մեջ մտավ, երկնային այծերի հետ գնում էր Կառլի հրապարակի սուրբ Իգնատնատիոս եկեղեցում պատեր Եմելկայի քարոզները լսելու և, երբ մի անգամ սուրբ Իգնատիոս եկեղեցին միսիոներներ եկան, մոռացավ իր շրջանի բոլոր գազալապտերները հանգցնել, այնպես, որ երեք օր ու երեք գիշեր փողոցներում գազն անընդհատ վառվում էր։ Վատ բան է,— շարունակեց Շվեյկը,— երբ մարդ հանկարծ սկսում է փիլիսոփայել, դրանից միշտ էլ սպիտակ ջերմախտի հոտ է գալիս։ Մի քանի տարի սրանից առաջ մայոր Բլյուգերին Յոթանասունհինգերորդ գնդից տեղափոխել էին մեզ մոտ։ Նա միշտ, ամիսը մի անգամ, հավաքում էր մեզ, քառանկյունաձև շարք կանգնեցնում և սկսում մեզ հետ փիլիսոփայել, թե սպայի կոչումն ի՛նչ է։ Սալորօղուց բացի ոչինչ չէր խմում։

— Յուրաքանչյուր սպա, զինվորնե՛ր,— բացատրում էր նա մեզ զորանոցի բակում,— ինքնին հանդիսանում է կատարելագույն էակ, որն օժտված է հարյուր անգամ ավելի շատ խելքով, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Դուք չեք կարող պատկերացնել ավելի կատարյալ բան, քան սպան, եթե նույնիսկ ձեր ամբողջ կյանքում այդ մասին մտածեք։ Յուրաքանչյուր սպա մի անհրաժեշտ էակ է, մինչդեռ դուք՝ շարքայիներդ, պատահական տարրեր եք, և ձեր գոյությունը հանդուրժելի է, բայց ոչ անհրաժեշտ: Եթե բանը հասներ պատերազմի և դուք զոհվեիք հանուն թագավոր կայսեր, դա, իհարկե, շատ լավ կլիներ։ Դրանից շատ բան չէր փոխվի, բայց եթե առաջինը ձեր սպան զոհվեր, այն ժամանակ կզգայիք, թե որքան կախված եք նրանից և որքան մեծ է այդ կորուստը։ Սպան պետք է ապրի, իսկ դուք ձեր գոյությամբ պարտական եք միայն պարոն սպաներին։ Դուք նրանցից եք ծագում, դուք առանց սպաների յոլա չեք գնա, դուք առանց պետի նույնիսկ շնչել չեք կարող։ Սպան ձեզ համար, զինվորնե՛ր, բարոյականության օրենք է, միևնույն է՝ դուք այդ հասկանում եք թե ոչ։ Իսկ քանի որ ամեն մի օրենք պետք է օրենսդիր ունենա, ապա ձեզ համար օրենսդիր է միայն սպան, որին դուք ձեզ պարտական եք զգում և պետք է զգաք ամեն ինչի համար, և դուք առանց որևէ բացառության պետք է կատարեք նրա ամեն մի հրամանը, անկախ այն բանից, թե դա ձեզ դուր է գալիս թե ոչ»։ Իսկ մի անգամ իր ճառն ավարտելուց հետո մայոր Բլյուգերն սկսեց շրջագայել կարեն և մեկին մյուսի հետևից հարցնել.

— Ի՞նչ ես գգում դու, երբ չափից ավելի ես խմում։

Նրանք էլ մի կերպ, անկապ ու կցկտուր, պատասխանում էին, թե իբր երբեք բանը դրան չի հասել, և կամ ամեն անգամ, երբ մարդ չափից ավելի է խմում՝ սիրտը սկսում է խառնել, իսկ մեկն էլ ասաց, թե իսկույն զգացել է, որ արձակուրդից զրկվելու է։ Մայոր Բլյուգերն անմիջապես հրամայեց նրանց բոլորին մի կողմ տանել, որպեսզի ճաշից հետո բակում ազատ մարմնամարզությամբ զբաղվեն ի պատիժ այն բանի, որ չեն կարողանում իրենց զգացածն արտահայտել։ Սպասելով իմ հերթին, ես հիշեցի, թե նա վերջին անգամ ինչի մասին էր երկար-բարակ խոսում, և երբ մայորը մոտեցավ ինձ, բոլորովին հանգիստ պատասխանեցի. «Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն մայոր, երբ ես չափից ավելի եմ խմում, ամեն անգամ ներսս մի տեսակ անհանգստություն, վախ և խղճի խայթ եմ զգում։ Իսկ երբ ժամանակին եմ վերադառնում զորանոց, ինձ մի երանելի հանգստություն և ներքին բավականություն է համակում»։ Շուրջս բոլորը սկսեցին հռհռալ, իսկ մայոր Բլյուգերը ծղրտաց. «Քեզ, դդո՛ւմ, միայն փայտոջիլներ են համակում, երբ մահճակի վրա մրափած ես լինում։ Շանորդուն տեսեք, դեռ սրախոսում էլ է», և ինձ այնպիսի շպանգլներ տվեց, որ ասել չեմ կարող։

— Զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի,— ասաց ավագ գրագիրը, ծուլորեն մեկնվելով իր մահճակի վրա,— հնուց այդպես է ընդունված․ ինչպես էլ որ պատասխանես, ինչ էլ որ անես, միշտ գլխիդ ամպեր են կախված և վրադ շանթ ու կայծակ է տեղում։ Առանց դրան կարգապահություն չի լինի։

— Ճիշտ եք ասում,— ասաց Շվեյկը։— Երբեք չեմ մոռանա, թե զորակոչիկ Պեխին ինչպես նստեցրին։ Մեր վաշտի հրամանատարն էր լեյտենանտ Մոցը։ Մի անգամ նա զորակոչիկներին հավաքեց և սկսեց հարցնել, թե ով որտեղից է։ «Ամենից առաջ, դեղնակտուցնե՛ր,— դիմեց նա նրանց,— դուք պետք է սովորեք պատասխանել պարզ ու կարճ, մտրակը շրխկացնելու պես։ Դե, ուրեմն, սկսենք. դուք որտեղացի՞ եք, Պեխ»։ Պեխը ինտելիգենտ տղա էր և այսպես պատասխանեց. «Գյուղն Նիժնի Բոուսով, Unter Bauzen, 267 տուն, 1936 չեխ բնակիչ, Իչինի շրջան, վոլոստ Սոբոտկա, նախկին Կոստիի հայրենաժառանգ կալվածք, սուրբ Եկատերինայի ծխական եկեղեցի, որ կառուցվել է տասնչորսերորդ դարում և վերակառուցվել կոմս Վացլավ Վրատիսլավ Նետոլիցկու արյամբ և ձեռամբ, դպրոց, փոստ, հեռագրատուն, չեխական ապրանքատար գնացքների կայարան, շաքարի գործարան, ջրաղաց, սղոցարան, Վալխա անունով մի խուտոր, տարեկան վեց տոնավաճառ…»։

Լեյտենանտ Մոցը նետվեց նրա վրա և սկսեց դնչին հարվածներ տեղալ, ասելով․ «Ահա քեզ առաջին տոնավաճառը, ահա երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը․․․»։ Իսկ Պեխը, թեպետ և զորակոչիկ էր, պահանջեց թույլ տալ, որ գումարտակին բողոքի զեկույց ներկայացնի։ Այն ժամանակ գրասենյակում մի խումբ շատ ուրախ մարդիկ կային։ Եվ ահա նրանք այնտեղ գրեցին, թե նա ուղարկվում է գումարտակ՝ զեկույց տալու Նիժնի Բոուսովի ամենամյա, տոնավաճառների մասին։ Այն ժամանակ գումարտակի հրամանատարն էր մայոր Ռոգելը։ «Բանն ի՞նչ է հարցրեց նա Պեխին, իսկ նա միանգամից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել պարոն մայոր, Նիժնի Բոուսովում տարեկան վեց տոնավաճառ է լինում»։ Մայորն սկսեց բղավել նրա վրա, ոտքերը գետնին խփեց և անմիջապես հրամայեց նրան տանել զինվորական հոսպիտալ խելագարների բաժանմունքը։ Այդ օրից ի վեր Պեխս դարձավ ամենահետին զինվորը, ոչ թե զինվոր, այլ իսկական պատիժ։

— Զինվորին դաստիարակելը հեշտ գործ չէ,— հորանջելով ասաց ավագ գրագիր Վանեկը։— Այն զինվորը, որ զինվորական ծառայության մեջ ոչ մի անգամ չի պատժվել, զինվոր չէ։ Գուցե խաղաղ ժամանակ հնարավոր էր, որ առանց որևէ պատժի ծառայությունն ավարտած զինվորը հետո, քաղաքացիական ծառայության մեջ, ամեն տեսակ արտոնություններ ունենար։ Հիմա բոլորովին հակառակն է, ամենավատ զինվորները, որոնք խաղաղ ժամանակ բանտից դուրս չէին գալիս, պատերազմի մեջ ամենալավ զինվորներն եղան։ Հիշում եմ ութերորդ երթային վաշտի շարքային Սիլվանուսին։ Օր չէր լինի, որ մի պատիժ չստանար։ Այն էլ ի՜նչպիսի պատիժներ։ Չէր ամաչում ընկերոջից գողանալ վերջին կրեյցերը։ Իսկ երբ կռվի մեջ մտավ, առաջինը նա կտրատեց լարափակոցները, երեք հոգու գերի վերցրեց և նրանցից մեկին հենց դաշտի մեջ գնդակահարեց, թե ինչ է իրեն վստահություն չի ներշնչում։ Արծաթե մեծ մեդալ ստացավ, օձիքի վրա երկու աստղ կտրեցին, և եթե հետո Դուկելի լեռնանցքում նրան չկախեինք հիմա վաղուց դասակապետ կլիներ։ Իսկ կռվից հետո անհնար էր նրան չկախել։ Մի անգամ հանձն առավ տեղադիտության գնալ, իսկ մյուս գնդի պարեկը նրան բռնեց դիակները պրպտելու վրա։ Մոտը ութ հատ ժամացույց և բազմաթիվ մատանիներ գտան։ Կախեցին բրիգադի շտաբի մոտ։

— Դա ցույց է տալիս,— խորիմաստ կերպով ասաց Շվեյկը,— որ ամեն մի զինվոր ինքը պիտի իր համար դիրք ստեղծի։

Հեռախոսի զանգը հնչեց։ Ավագ գրագիրը մոտեցավ հեռախոսին։ Ձայնից կարելի էր ճանաչել, որ խոսողը պորուչիկ Լուկաշն է, որը հարցնում էր, թե պահածոներն ինչ եղան, ապա լսելի էր, թե նա ինչպես էր շշպռում։

— Ճիշտ եմ ասում, պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ,— հեռախոսի մեջ գոռում էր Վանեկը։— Ախր որտեղի՞ց պիտի լիներ, դա միայն ինտենդանտության ֆանտազիան է։ Բոլորովին կարիք չկար այնտեղ մարդ ուղարկելու։ Ես ուզում էի ձեզ հեռախոսել։ Ես կանտինայո՞ւմ։ Ո՞վ ասաց։ Սպայական խոհանոցի օկուլտիստ խոհարա՞րը։ Իսկապես, ես ինձ թույլ տվի մտնել այնտեղ։ Իսկ գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ, թե այդ օկուլտիստն ինչ անուն տվեց պահածոյի համար ստեղծված իրարանցմանը։ «Անծինի սարսա՛փ»։ Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ես միանգամայն սթափ եմ։ Ինչ է անում Շվեյկը՞։ Նա այստեղ է։ Կհրամայե՞ք կանչել… Շվեյկ, հեռախոսի մոտ,— ձայն տվեց ավագ գրագիրը և փսփսալով ավելացրեց․— Եթե հարցնի, թե ինչ վիճակում եմ վերադարձել, ասացեք՝ միանգամայն կարգին։

Շվեյկը հեռախոսի մոտ է․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հեռախոսի մոտ է Շվեյկը։

— Լսեցեք, Շվեյկ, պահածոյի գործն ի՞նչ եղավ։ Ամեն ինչ կարգի՞ն է։

— Պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Այդ մասին ձայն-ձուն չկա։

— Ես կցանկանայի, Շվեյկ, որ դուք, քանի դեռ մենք ճամբարում ենք, ամեն առավոտ գայիք ինձ զեկուցելու։ Իսկ երբ մեկնենք, դուք միշտ ինձ մոտ կլինեք։ Գիշերն ի՞նչ էիք անում։

— Ամբողջ գիշերը հեռախոսի մոտ նստած էի։

— Որևէ նորություն կա՞։

— Կա, պարոն օբեր-լեյտենանտ։

— Շվեյկ, դուք նորից ձեզ հիմարի տեղ եք դնում։ Որևէ կարևոր, շտապ բան հաղորդե՞լ են։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, միայն թե ժամը իննին։

— Իսկ ի՞նչու այդ մասին ինձ անմիջապես չզեկուցեցիք։

— Չէի ուզում ձեզ անհանգստացնել, պարոն օբեր-լեյտենանտ, նույնիսկ չհամարձակվեցի այդ մասին մտածել։

— Վերջապես ասացեք, գրո՛ղը տանի ձեզ, ժամը իննին ի՞նչ…

— Հեռախոսագիր, պարոն օբեր-լեյտենանտ։

— Ես ձեզ չեմ հասկանում։

— Ես դա գրի եմ առել, պարոն օբեր-լեյտենանտ. «Հեռախոսագիր ընդունեցեք։ Ո՞վ է հեռախոսի մոտ… Ընդունեցի՞ր։ Կարդա…», և ինչ-որ մի այդպիսի բան էլ…

— Գրո՛ղը տանի ձեզ, Շվեյկ։ Ձեզ հետ գործ ունենալը տանջանք է։ Հաղորդեցեք ինձ բովանդակությունը, ապա թե ոչ այնպես կապտակեմ, որ… Դե՛հ։

— Նորից ինչ-որ խորհրդակցություն, պարոն օբեր-լեյտենանա, այսօր ժամը իննին պարոն գնդապետի մոտ։ Գիշերն ուզում էի ձեզ արթնացնել, բայց հետո միտքս փոխեցի։

— Հենց այդ էր պակաս, որ ամեն մի դատարկ բանի համար գիշերն ինձ արթնացնեք։ Դրա համար առավոտյան էլ ժամանակ կգտնվի։ Wieder eine Besprechung, der Teufel soll das alles bliserieren![113] հեռախոսափողը ցած դրեք, հեռախոսի մոտ կանչեցեք Վանեկին։

— Ավագ գրագիր Վանեկը հեռախոսի մոտ է։ Rechnungsfeldwebl Vanek, Herr Oberleutnant[114].

— Վանե՛կ, անմիջապես ինձ համար ուրիշ սպասյակ գտեք։ Այդ սրիկա Բալոունը այս գիշեր իմ ամբողջ շոկոլադը լափել է։ Կապե՞լ։ Ոչ, կուղարկենք սանիտարություն անելու։ Զռփի տղամարդ է, թիկունքը մի սաժեն, թող գնա ու կռվի դաշտից վիրավորներ դուրս բերի։ Ես նրան անմիջապես կուղարկեմ ձեզ մոտ։ Գնդի գրասենյակում անհապաղ կարգավորեցեք այդ ամենը և իսկույն վերադարձեք վաշտ։ Ի՞նչ եք կարծում, շո՞ւտ կմեկնենք։

— Շտապելու կարիք չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ մենք իններորդ երթային վաշտի հետ մեկնում էինք, ամբողջ չորս օր քթներիցս բռնած ման ածեցին։ Ութերորդին էլ նույնը պատահեց։ Միայն տասներորդի գործը լավ գնաց։ Մարտական լրիվ պատրաստության մեջ էինք, առավոտյան ժամը տասներկուսին հրամանը ստացանք, իսկ երեկոյան արդեն ճանապարհվել էինք։ Սակայն, դրա փոխարեն, մեզ Հունգարիայի մի ծայրից մյուսն էին քշում և չգիտեինք թե մեզնով ո՛ր ճակատի որ ծակը խցկեն։

Տասնմեկերորդ վաշտի հրամանատար դառնալու օրից ի վեր պորուչիկ Լուկաշը գտնվում էր մի այնպիսի վիճակի մեջ, որը սինկրետիզմ է կոչվում այն փիլիսոփայական սիստեմի անունով, որ ջանում է հասկացությունների հակասություններն հաշտեցնել հակադիր հայացքների խառնակման աստիճանին հասնող կոմպրոմիսով։

Եվ այդ իսկ պատճառով նա պատասխանեց.

— Այո՛, գուցե և այդպես է։ Ձեր կարծիքով, այսօր չե՞նք շարժվի։ Ժամի իննին գնդապետի մոտ խորհրդակցություն կա։ Հա՛, ի դեպ, գիտե՞ք, որ հերթապահ եք։ Ես դա հենց այնպես ասացի։ Ինձ համար կազմեցեք… Սպասեցեք, ինչ պիտի կազմեք ինձ համա՞ր․․․ Հա՛, ենթասպաների ցուցակը, նշելով, թե յուրաքանչյուրը երբվանից է ծառայում… Հետո վաշտի համար պարեն ստացեք։ Ազգությո՞ւնը։ Այո՛, այո՛, ազգությունն էլ… Իսկ որ գլխավորն է, ինձ համար մի նոր սպասյակ ուղարկեցեք։ Այսօր պրապորշչիկ Պլեշները զորամասում ինչ պետք է անի՞։ Պետք է պատրաստվել մեկնելու։ Հաշիվնե՞րը։ Ստորագրելու կգամ ճաշից հետո։ Ոչ ոքի քաղաք բաց չթողնեք։ Կանտինա՞, ճամբա՞ր։ Ճաշից հետո միայն մեկ ժամով․․․ Կանչեցեք Շվեյկին․․ Շվե՛յկ, դուք առայժմ կմնաք հեռախոսի մոտ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն օբեր-լեյտենանտ, որ դեռ սուրճ չեմ խմել։

— Որ այդպես է, գնացեք ձեր սուրճը բերեք և մնացեք գրասենյակում, հեռախոսի մոտ, քանի դեռ չեմ կանչել։ Գիտե՞ք հանձնակատարն ինչ է։

— Դա նա է, որ շարունակ վազվզուքի մեջ է, պարո՛ն օբեր-լեյտենանտ։

— Ուրեմն, երբ ձեզ զանգահարեմ՝ տեղում լինեք։ Վանեկին նորից հիշեցրեք, որ ինձ համար սպասյակ գտնի։ Շվե՛յկ։ Ալլո, որտե՞ղ եք։

— Այստեղ եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Հենց նոր սուրճս բերին։

— Շվե՛յկ, Ա՛լլո։

— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Սուրճը բոլորովին սառն է։

— Շվեյկ, դուք լավ գիտեք, թե սպասյակ ասածն ինչ է, հետը խոսեցեք, իսկ հետո ինձ կասեք, թե նա իրենից ինչ է ներկայացնում։ Հեռախոսափողը կախեցեք։

Վանեկը կում-կում խմելով սև սուրճը, որի մեջ ռոմ էր լցրել այն շշից, որի վրա ապահովության համար գրված էր՝ «Թանաք», նայեց Շվեյկին ու ասաց.

― Մեր օբեր-լեյտենանտը հեռախոսի մեջ այնպես է գոռում, որ ամեն մի բառը հասկացա։ Ինչպես երևում է, Շվեյկ, դուք օբեր-լեյտենանտի հետ մոտ եք։

— Ես նրա աջ ձեռքն եմ։ Իսկ ձեռքը ձեռք է լվանում։ Մենք երկուսով ինչ փորձանքի մեջ ասես չենք ընկել։ Քանի անգամ ցանկացել են մեզ բաժանել, բայց մենք նորից իրար գտել ենք։ Նա ամեն բանում ինձ է ապավինում։ Քանի՜ անգամ ինքս էլ զարմացել եմ դրա վրա։ Ա՛յ, հենց նոր լսեցիք, որ ասաց, թե պետք է ձեզ հիշեցնեմ, որ իր համար նոր սպասյակ գտնեք, և որ ես այդ մարդու հետ պետք է խոսեմ և նրա մասին իմ կարծիքը հայտնեմ։ Պարոն օբեր-լեյտենանտին ամեն սպասյակ չի գոհացնի։

* * *

Գնդապետ Շրեդերը խորհրդակցության էր հրավիրել երթային գումարտակի բոլոր սպաներին։ Նա անհամբեր սպասում էր այդ խորհրդակցությանը, որպեսզի հնարավորություն ունենար խոսելու։ Բացի դրանից, հարկավոր էր որևէ որոշում ընդունել հոժարական Մարեկի վերաբերմամբ, որը հրաժարվել էր արտաքնոցները մաքրել և որին իբրև խռովարարի գնդապետ Շրեդերը ուղարկել էր դիվիզիայի դատարան։

Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից Մարեկին միայն երեկ գիշեր էին տեղափոխել հաուպտվախտ, որտեղ և գտնվում էր կալանքի տակ։ Միաժամանակ գնդի գրասենյակին հանձնվել էր դիվիզիայի դատարանի հղած վերին աստիճանի խրթին գրությունը, որի մեջ նշվում էր, թե տվյալ դեպքում գործը խռովարարության չի վերաբերվում, քանի որ հոժարականները պարտավոր չեն ոտացճանապարհներ մաքրել, բայց, այնուամենայնիվ, դա դիտվում է որպես կարգապահության խախտում, որպիսի զանցանքը նա կարող է քավել ճակատում օրինակելիորեն ծառայելով։ Նկատի ունենալով այդ ամենը, մեղադրյալ հոժարական Մարեկը նորից ուղարկվում է իր գունդը, իսկ կարգապահության խախտման հետաքննությունը դադարեցվում է մինչև պատերազմի վերջը և կարող է վերսկսվել այն դեպքում, երբ հոժարական Մարեկը նոր զանցանք գործի։

Մի ուրիշ գործ էլ կար։ Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից հոժարական Մարեկի հետ միասին հաուպտվախտ էին տեղավախել նաև ինքնակոչ դասակապետ Տևելեսին, որը վերջերս էր հայտնվել գնդում, ուր նրան ուղարկել էին Զագրեբի հոսպիտալից։ Նա ուներ մեծ արծաթե մեդալ, հոժարականի ուսաթելեր և երեք աստղ։ Այդ Տևելեսը պատմում էր Սերբիայում վեցերորդ երթային վաշտի կատարած հերոսական սխրագործությունների, ինչպես և այն մասին, թե ամբողջ վաշտից միայն ինքն է կենդանի մնացել։ Հետաքննությամբ հաստատվել էր, որ իսկապես պատերազմի սկզբում վեցերորդ երթային վաշտի հետ ոազմաճակատ էր գնացել ինչ-որ Տևելես, որը, սակայն, հոժարականի իրավունքներ չէր ունեցել։ Տեղեկանք էին պահանջել այն բրիգադից, որի կազմի մեջ էր գտնվել վեցերորդ երթային վաշտը 1914 թվի դեկտեմբերի 2-ին Բելգրադից փախչելու ժամանակ, և հաստատվել էր, որ պարգևատրման ներկայացվածների և արծաթե մեդալով պարգևատրվածների մեջ ոչ մի Տևելես չկա։ Չէր հաջողվել, սակայն, պարզել, թե արդյոք բելգրադյան արշավանքի ժամանակ Տևելեսը դասակապետի աստիճան ստացե՞լ էր, որովհետև ամբողջ վեցերորդ երթային վաշտը Բելգրադի սբ. Սավուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած մարտից հետո իր բոլոր սպաների հետ անհետ կորել էր։ Տևելեսը դիվիզիայի դատարանում արդարանում էր, թե իսկապես իրեն արծաթե մեծ մեդալ էին խոստացել և թե դրա համար էլ ինքը մի բոսնիացուց գնել էր այդ մեդալը։ Ինչ վերաբերվում է հոժարականի ուսաթելերին, ապա նա դրանք իր համազգեստի վրա կարել է հարբած վիճակում և շարունակել է կրել միայն այն պատճառով, որ շարունակ հարբած է եղել, քանի որ օրգանիզմը դեզենտերիայից թուլացած է։

Բացելով ժողովը, նախքան այդ երկու հարցերի քննարկմանն անցնելը, գնդապետ Շրեդերը նշեց, թե մեկնումից առաջ,— մի բան, որ արդեն շատ չի ուշանա,— անհրաժեշտ է ավելի հաճախ հավաքվել։ Բրիգադի շտաբից իրեն հաղորդել են, թե դիվիզիայից հրամանների են սպասում։ Զինվորները պետք է կազմ ու պատրաստ լինեն, և վաշտերի հրամանատարները պետք է աչալուրջ հետևեն, որ բոլորն իրենց տեղերում գտնվեն։ Այնուհետև նա մի անգամ էլ կրկնեց այն ամենը, ինչ ասել էր երեկ։ Նորից ռազմական իրադարձությունների տեսություն կատարեց և հիշեցրեց, թե ոչ մի բան չպետք է թուլացնի բանակի մարտական ոգին ու անվեհերությունը։

Նրա առաջ՝ սեղանի վրա փռված էր ռազմական գործողությունների թատերաբեմի քարտեզը՝ քորոցների վրա ամրացված դրոշակիկներով, բայց դրոշակիկները ցած էին գցված և ճակատներն առաջ էին շարժվել։ Հանված դրոշակիկներն ընկած էին սեղանի տակ։

Գիշերը ռազմական գործողությունների ամբողջ թատերաբեմն անճանաչելի դարձնելու չափ տակնուվրա էր արել այն կատուն, որին գրագիրները պահում էին գրասենյակում։ Կատուն կղկղել էր ավստրո-հունգարական ճակատի վրա, և ցանկանալով կոլոնձը թաղել, ցած էր գցել դրոշակիկները և կղկղանքով լղոզել բոլոր դիրքերը, ոռոգել ճակատներն ու նախակամրջային ամրությունները և ապականել բանակային կորպուսները։

Գնդապետ Շրեդերը շատ կարճատես էր։

Երթային գումարտակի սպաները հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչպես գնդապետ Շրեդերի մատը մոտենում է այդ կոլոնձներին։

— Բուգի ճանապարհը, պարոնա՛յք, անցնում է Սոկալի մոտով,— բարբառեց գնդապետը մարգարեի տեսքով և հիշողությամբ ցուցամատը շարժեց դեպի Կարպատները, ընդ որում խրվեց այն կոլոնձներից մեկի մեջ, որոնց միջոցով կատուն ջանացել էր ռազմական գործողությունների թատերաբեմն ավելի ռելյեֆ դարձնել։

— Was ist das, meine Herren?[115],— զարմացած դիմեց նա, երբ մատին ինչ-որ բան լղոզվեց:

— Wahrscheinlich Katzendreck, Herr Oberst[116],— բոլորի փոխարեն շատ քաղաքավարի պատասխանեց կապիտան Սագները։

Գնդապետ Շրեդերը նետվեց հարևան գրասենյակը, որտեղից լսվեցին որոտալից նզովքներ և ահռելի սպառնալիքներ, թե նա ամբողջ գրասենյակին կստիպի կատվի թողած հետքերը լիզել։

Հարցաքննությունը կարճ տևեց։ Պարզվեց, որ երկու շաբաթ առաջ կատվին գրասենյակ է բերել կրտսեր գրագիր Ցվիբելֆիշը։ Գործը պարզելուց հետո Ցվիբելֆիշը հավաքեց իր ունեցած-չունեցածը, իսկ ավագ գրագիրը նրան տարավ հաուպտվախտ և նստեցրեց մինչև գնդապետի հետագա կարգադրությունները։

Խորհրդակցությունը փաստորեն դրանով էլ ավարտվեց։

Վերադառնալով սպաների մոտ, զայրույթից կարմրատակած, գնդապետ Շրեդերը մոռացավ, որ անհրաժեշտ է խոսել նաև հոժարական Մարեկի և ինքնակոչ դասակապետ Տևելեսի գործի մասին։

— Խնդրում եմ, պարոնայք սպաներ, պատրաստ լինել և սպասել իմ հետագա կարգադրություններին ու հրահանգներին,— ասաց նա կարճ ու կտրուկ։

Եվ այդպես էլ հոժարականն ու Տևելեսը կալանքի տակ մնացին հաուպտվախտում, և, երբ հետո նրանց միացավ Ցվիբելֆիշը, ի վիճակի եղան «ինն» խաղալու, իսկ խաղից հետո սկսեցին իրենց պահակներին նեղել, պահանջելով, որ նրանք որսան իրենց ներքնակների բոլոր լվերը։

Հետո նրանց մոտ խոթեցին տասներեքերորդ երթային վաշտի եֆրեյտոր Պերոուտկային։ Երբ երեկ ճամբարում լուր էր տարածվել, թե մեկնում են դիրքերը, Պերոուտկան անհետացել էր, և առավոտյան Բրուկում պարեկը նրան գտել էր «Սպիտակ վարդում»։ Նա արդարանում էր, թե մեկնելուց առաջ ցանկացել է տեսնել կոմս Հարրախի՝ Բրուկի մոտ գտնվող նշանավոր ապակեգործարանը, իսկ վերադառնալիս ճանապարհը կորցրել է և միայն առավոտյան, բոլորովին հալից ընկած, մի կերպ հասել է «Սպիտակ վարդին» (իսկ իրականում պառկել էր «Սպիտակ վարդի» Ռոզոչկայի հետ)։

* * *

Դրությունն առաջվա պես պարզ չէր։ Մեկնելո՞ւ են թե ոչ։ Շվեյկը տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում հեռախոսով խիստ բազմապիսի, լավատեսական և հոռետեսական, կարծիքներ էր լսում։ Տասներկուերորդ երթային վաշտը հեռախոսում էր, թե իբր ինչ-որ մեկը գրասենյակից լսել է, որ նախ շարժուն թիրախների վրա հրաձգային վարժություններ պիտի կատարեն և միայն դրանից հետո մեկնեն։ Այդ լավատեսական հայացքը չէր բաժանում տասներեքերորդ երթային վաշտը, որը հեռախոսում էր, թե հենց նոր քաղաքից վերադարձել է կապրալ Գավլիկը, որը մի երկաթուղային ծառայողից լսել է, թե վագոններն արդեն կայարանում պատրաստ կանգնած են։

Վանեկը Շվեյկի ձեռքից զայրացած խլեց հեռախոսափողը և գոռաց, թե երկաթուղայինները ոչինչ չգիտեն և թե ինքը հենց նոր է եկել գնդի գրասենյակից։

Շվեյկը հաճույքով մնում էր իր դիրքում, հեռախոսի մոտ նստած, և «ի՞նչ նորություն» հարցին պատասխանում, թե առայժմ ոչ մի հաստատ բան չկա։

Այդպես նա պատասխանեց նաև պորուչիկ Լուկաշի հարցին.

— Ի՞նչ նորություն կա ձեզ մոտ։

— Առայժմ ոչ մի հաստատ բան, պարոն օբեր-լեյտենանտ,— ստերիոտիպորեն պատասխանեց նա։

— Ավանա՛կ։ Հեռախոսափողը կախեցեք։

Այնուհետև ստացվեցին մի քանի հեռախոսագրեր, որոնք Շվեյկն ընդունեց ամեն տեսակ վեճերից հետո։

Նա ընդունեց այն հեռախոսագիրը, որ գիշերը նրան թելադրել չէին կարողացել, որովհետև նա լսափողը չէր կախել և քնել էր։ Այդ հեռախոսագիրը վերաբերվում էր այն զինվորների ցուցակին, որոնց հակատիֆային պատվաստում արել կամ չէին արել։

Հետո Շվեյկն ընդունեց պահածոներին վերաբերվող մի ուշացած հեռախոսագիր։ Այդ հարցն արդեն երեկ պարզված էր։

Այնուհետև ստացվեց բոլոր գումարտակներին, վաշտերին ու ստորաբաժանումներին ուղղված հետևյալ հեռախոսագիրը.

«Բրիգադի №75692 հեռախոսագրի պատճենը։ Բրիգադին տրված №172 հրամանը։

Դաշտային խոհանոցների տնտեսության հաշվետվությունները կազմելու ժամանակ անհրաժեշտ մթերքների անունները գրելիս պահպանել հետևյալ կարգը. 1 — միս, 2 — պահածո, 3 — բանջարեղեն թարմ, 4 — բանջարեղեն չորացրած, 5 — բրինձ, 6 — մակարոն, 7 — ձավար, 8 — կարտոֆիլ, փոխանակ առաջվա կարգով գրելու՝ 4 — չորացրած բանջարեղեն, 5 — թարմ բանջարեղեն»։

Երբ Շվեյկն այդ ամենը կարդաց ավագ գրագրին, Վանեկը հանդիսավորապես ասաց, թե նման հեռախոսագրերը արտաքնոց են նետում։

— Դա հնարել է բանակի շտաբում նստած որևէ ապուշ, իսկ հետո հաղորդում են բոլոր դիվիզիաներին, բրիգադներին, գնդերին։

Ապա Շվեյկն ընդունեց մի հրամանագիր ևս, որը այնքան արագ էին թելադրում, որ նա հազիվ կարողացավ բլոկնոտի մեջ խզմզել ծածկագրի պես մի բան. «In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden»[117]։

— Այդ բոլորն ավելորդ բաներ են,— ասաց Վանեկը, երբ Շվեյկը շատ զարմացավ իր գրածի վրա և երեք անգամ բարձրաձայն կարդաց։— Դատարկ բան է, և ուրիշ ոչինչ, թեև, ո՛վ գիտե, գուցե ծածկագրված հեռախոսագիր է։ Մեր վաշտում ծածկագրման բաժանմունք չկա։ Դա էլ կարելի է դեն նետել։

— Ես էլ նույնն եմ կարծում ասաց Շվեյկը,— եթե ես պարոն օբեր-լեյտենանտին ասեի, թե In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden, անպայման կնեղանար։

— Այնպիսի շուտ նեղացող մարդիկ են լինում, որ ասել չեմ կարող,— շարունակեց Շվեյկը, նորից խորասուզվելով հիշողությունների մեջ։— Մի անգամ Վիսոչանից տրամվայով գնում էի Պրագա, իսկ Լիբնեում մեր վագոնը մտավ ոմն Նովոտնի։ Հենց որ նրան ճանաչեցի, գնացի մոտը՝ վագոնահարթակ, և խոսք բաց արի, թե, ախր, մենք հայրենակիցներ ենք, երկուսս էլ դրաժովցի, իսկ նա սկսեց վրաս գոռալ, որ իրեն հանգիստ թողնեմ, որ իբր ինձ չի ճանաչում։ Նրան հիշեցնելու համար սկսեցի, բացատրել, թե ինչպես երեխա ժամանակ մորս հետ, որի անունն էր Անտոնիա, գնում էի նրա մոտ, թե հորս անունն էլ Պրոկոպ էր և կալվածքում ստրաժնիկություն էր անում։ Բայց նա դրանից հետո էլ չցանկացավ խոստովանել, թե մենք ծանոթներ ենք։ Այդ ժամանակ նրան էլ ավելի մանրամասն տեղեկություններ հայտնեցի, պատմեցի, թե Դրաժովում երկու Նովոտնիներ կային՝ Տոնդա և Յոսիֆ, և նա հենց այն Յոսիֆն է, որի մասին ինձ Դրաժովից գրել են, թե կնոջը գնդակահարել է, որովհետև կինը նրան հանդիմանել է հարբեցողության համար։ Բայց այդ պահին նա ձեռքը թափով վրա բերեց, ես հարվածից խուսափեցի, և նա առջևի հարթակում ջարդեց վագոնավարի դիմացի ապակին։ Մեզ իջեցրին ու տարան։ Իսկ կոմիսարիատում պարզվեց, որ այդ մարդը նրա համար է այդքան նեղացկոտ, որ անունը բնավ էլ Իոսիֆ Նովոտնի չէ, այլ Էդուարդ Դուբրավա, և որ նա Ամերիկայի Մոնտգոմերի քաղաքից է և եկել է ազգականներին տեսնելու։

Հեռախոսն ընդհատեց Շվեյկի պատմությունը, և գնդացրային զսրամասից մի խռպոտ ձայն նորից հարցրեց, թե արդյոք մեկնելո՞ւ են։ Թե իբր այդ կապակցությամբ առավոտվանից գնդապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունենում։

Դռան առաջ երևաց քաթանի պես սփրթնած կադետ Բիգլերը, որ համարվում էր վաշտի ամենամեծ ապուշը, որովհետև հոժարականների վարժախմբում ջանում էր իր գիտելիքներով աչքի ընկնել։ Նա Վանեկին գլխով նշան արեց, որ իր հետևից դուրս գա միջանցք, որտեղ նրանք բավական երկար խոսեցին։ Այնտեղից վերադառնալով, Վանեկն արհամարհաբար քմծիծաղ էր տալիս։

― Ա՛յ քեզ էշ,— ասաց նա Շվեյկին,— ինչ խոսք, լա՜վ տիպ ունենք մեր երթային վաշտում։ Խորհրդակցությունում նա էլ է եղել, և ցրվելիս պարոն օբեր-լեյտենանտը կարգադրել է, որ դասակապետերն ամենայն խստությամբ հրացանները ստուգեն։ Եվ Բիգլերն եկել էր ինձ հարցնելու, թե արդյոք չկարգադրի՞ Ժլեբեկին կապել, քանի որ հրացանը նավթով է մաքրել։— Վանեկն սկսեց տաքանալ։— Այդպիսի տխմար բան է հարցնում ինձ, թեև գիտե, որ ռազմաճակատ են գնում։ Պարոն օրեր-լեյտենանտն երեկ լավ արեց, որ հրամայեց իր սպասյակին արձակել։ Ես այդ լակոտին ասացի, որ իզուր տեղը զինվորներին չգազազեցնի։

— Սպասյակ ասացիք, միտս ընկավ,— ասաց Շվեյկը,— պարոն օբեր-լեյտենանտի համար սպասյակ չգտա՞ք։

— Խելք ունեցեք,— պատասխանեց Վանեկը,— շտապելու կարիք չկա։ Ի միջի այլոց, ես կարծում եմ, որ պարոն օբեր-լեյտենանտը Բալոունին կընտելանա։ Հիմա Բալոունը երբեմն որևէ բան լափում է, բայց հետո, երբ ընկնենք ռազմաճակատ, իր այդ սովորությունը կթողնի։ Այնտեղ թե՛ նա, թե՛ օբեր-լեյտենանտը ուտելու բան չեն ունենա։ Երբ ես նրան ասեմ, թե Բալոունը մնացել է, ոչինչ չի կարող անել։ Դա իմ գործն է, պարոն օբեր-լեյտենանտին չի վերաբերվում։ Իսկ որ գլխավորն է, չպետք է շտապել։

Վանեկը նորից պառկեց իր մահճակի վրա և ասաց.

— Շվեյկ, ինձ մի անեկդոտ պատմեցեք զինվորական կյանքից։

— Կարելի է,— պատասխանեց Շվեյկը,— միայն թե վախենում եմ, որ նորից մեկն ու մեկը զանգահարի։

— Ուրեմն, հեռախոսն անջատեցեք, լարը ետ պտուտակեցեք կամ հեռախոսափողը վերցրեք։

— Լավ,— ասաց Շվեյկը հեռախոսափողը վերցնելով։— Ես ձեզ կպատմեմ մեր վիճակին սազական մի դեպք։ Միայն թե այն ժամանակ իսկական պատերազմի փոխարեն զորաշարժեր էին և ճիշտ այնպիսի իրարանցում էր, ինչպես այսօր. այն ժամանակ էլ չգիտեինք, թե զորանոցներից երբ ենք դուրս գալու։ Ինձ հետ Շից անունով մի պորժիչեցի էր ծառայում։ Լավ տղա էր, միայն թե բարեպաշտ էր ու վախկոտ։ Կարծում էր, թե զորաշարժը մի սարսափելի բան է, որի ժամանակ մարդիկ ծարավից վայր են գլորվում, իսկ սանիտարները նրանց հավաքում են կաթուկ պտուղների պես։ Այդ պատճառով էլ նա առաջուց խմեց, իսկ երբ զորանոցներից զորաշարժերի դուրս եկանք և հասանք Մնիշեկ, ասաց. «Տղե՛րք, ես դրան չեմ դիմանա, ինձ միայն աստված կփրկի»։ Հետո մենք հասանք Գորժովիցի և այնտեղ երկու օր դադար առանք, քանի որ ինչ որ սխալ էր տեղի ունեցել և մենք այնքան արագ էինք առաջ շարժվում, որ քիչ էր մնում մեր թևերից մեզ հետ շարժվող գնդերի հետ միասին գրավեինք թշնամու ամբողջ շտաբը։ Եվ պիտի խայտառակվեինք, որովհետև ըստ առաջադրանքի մեր կորպուսը պետք է ճղեր, իսկ հակառակորդը՝ հաղթեր, քանի որ նրանց մոտ մի քոսոտ էրցհերցոգ կար։ Շիցը մի այսպիսի բան արեց։ Երբ մենք ճամբար դրինք, նա վեր կացավ ու գնաց Գորժովցիի այն կողմում գտնվող մի գյուղ՝ իր համար բան-ման առնելու, և ճաշի ժամանակ վերադարձավ ճամբար։ Օրը շոգ էր, նա էլ թունդ խմած, և ահա ճանապարհի եզրին տեսնում է մի սյուն, սյան վրա մի արկղ, իսկ արկղի մեջ, ապակու տակ, սուրբ Յան Նեպոմուցկու արձանիկը։ Աղոթում է նա սուրբ Յանին և ասում. «Երևի շոգից նեղվում ես, վատ չէր լինի մի բան խմեիր»։ Արևկող տեղ ես կանգնած։ Վայ թե շարունակ քրտնում ես»։ Թափ է տալիս երթային տափաշիշը, խմում ու ասում. «Մի կում էլ քեզ համար եմ թողել, նեպոմուկցի Յան»։ Հետո սթափվում է, բոլորը լակում և նեպոմուկցի սուրբ Յանին ոչինչ չի մնում։ «Մեղա՛ քեզ, տեր,— բացականչում է նա,— նեպոմուկցի սուրբ Յան, դու ինձ պետք է ներես, դրա համար ես քեզ վարձահատույց կլինեմ»։ Եվ բարի Շիցը, նեպոմուկցի սուրբ Յանին խղճալով, ապակին կոտրում է, սրբի արձանիկը հանում, կոխում գիմնաստյորկայի տակ և բերում ճամբար։ Դրանից հետո սուրբ Յան Նեպոմուցկին նրա հետ ծղոտի վրա էր քնում։ Երթերի ժամանակ Շիցը նրան հետը ման էր ածում պայուսակի մեջ դրած, և թուղթ խաղալիս միշտ բախտը բանում էր։ Որտեղ էլ որ դադար առնեինք, նա միշտ պիտի տաներ, քանի դեռ չէինք հասել Պրախենսկո։ Տեղավորվեցինք Դրագենիցիում, և նա սկսեց մի գլուխ տանուլ տալ։ Երբ առավոտյան արշավի դուրս եկանք, սուրբ Յան Նեպոմուցկին, օղակը վզին, կախված էր ճանապարհի եզրին կանգնած տանձենու ճյուղից։ Ահա և ձեզ անեկդոտ, իսկ հիմա հեռախոսափողը կախեմ։

Եվ հեռախոսը նորից սկսեց ներընկալել ճամբարի ջղային կյանքի ջղաձգությունները։ Հանգստի հարմոնիան այստեղ խախտված էր։

Նույն այդ պահին պորուչիկ Լուկաշն իր սենյակում ուսումնասիրում էր գնդի շտաբից հենց նոր նրան հանձնված ծածկագիրն ու դրա վերծանման ուղեցույցը և միաժամանակ մի ծածկագիր հրաման, թե երթային գումարտակն ի՛նչ ուղղությամբ պետք է շարժվի գեպի Գալիցիայի սահմանը (առաջին էտապ).

7217 — 1238 — 475 — 2121 — 35 = Մոշոն,

8922 — 375 — 72 — 82 = Ռաբ,

4432 — 1238 — 7217 — 375 — 8922 — 35 = Կոմարնո,

7282 — 9299 — 310 — 7881 — 298 — 475 = Բուդապեշտ։

Վերծանելով այդ թվերը, պորուչիկ Լուկաշը հառաչեց.

— Der Teufel soll das buserieren[118]։


  1. Դո՛ւրս կորիր, խոզ (լատ.)։
  2. Մաջա՞ր ես (հունգ.)։
  3. Չեմ հասկանում ընկեր (հունգ․)։
  4. Սրտանց շնորհակալ եմ (հունգ.)։
  5. Ուտելու բան չկա (հունգ.)։
  6. Երեք երեխա, ուտելու բան չունեն (հունգ.)։
  7. Ձեր փաստաթղթերը (գերմ.)։
  8. Ի՞նչ է նշանակում «ջանիկ» բառը (գերմ․)։
  9. «Ջանիկ» — նշանակում է «պարոն ֆելդֆեբել» (գերմ.)։
  10. ...այդ ոջլոտին կայարանի զինվորական պարեկատուն տանել կատաղած շան պես (գերմ.)։
  11. Բավական է մարդ մի րոպե հեռանա, որպեսզի լսի միայն «Չեխերեն, չեխեր» (գերմ.)։
  12. Բոզին տեսեք, չի ուզում հետս պառկել (գերմ․)։
  13. Մեղա քեզ, տեր (գերմ․)։
  14. Հեռացե՛ք (գերմ․)։
  15. Դո՛րս այստեղից (գերմ.)։
  16. Կասկածվում է լրտեսության մեջ (գերմ.)։
  17. Հայտնում եմ խոնարհաբար, որ թշնամու սպան այսօր իսկ կուղարկվի Պիսեկ քաղաքը, ժանդարմական շրջանային վարչություն (գերմ.)։
  18. Վախմիստր, իսկ ո՞ւր է №... շրջբերականի պատասխանը (գերմ․)։
  19. Շնորհավում եմ ձեզ, պարոն վախմիստր (գերմ.)։
  20. Սվինը հագցնել (գերմ.)։
  21. Հանցակազմ (լատ.)։
  22. Պետք է ավելացնեմ, որ ռուսական կոնտուշովկան... (գերմ.)։
  23. Ի լրումն իմ №2172 հաղորդման, հաղորդում եմ... (գերմ․)։
  24. Հա՛յլ։ Կորչեն սերբերը (գերմ.)։
  25. Ձեր ամբողջ պատերազմով հանդերձ լիզեցեք հետույքս (գերմ.)։
  26. «Հենց որ բարձր անձիք երևում են բերդի տեսադաշտում, բոլոր բաստիոններից ու ամրոցներից բոլոր թնդանոթներով սալյուտ է տրվում։ Բերդի պարետը ձիով, սուրը մերկացրած, ընդառաջ է գնում նրանց ընդունելու» (գերմ.)։
  27. «Այն պահին, երբ պարետը սրով պատիվ է տալիս բարձրագույն անձանց, տրվում է երկրորդ սալյուտը, որը երրորդ անգամ կրկնվում է այն ժամանակ, երբ բարձրագույն անձիք մտնում են բերդի տերիտորիան» (գերմ․):
  28. Գնդային հաուպտվախտ (գերմ․)։
  29. Հիվանդանոցային մատյան (գերմ․)։
  30. 91-րդ գնդի հիվանդանոցային մատյան (գերմ.)։
  31. Շարային ծառայության համար ոչ պիտանի (գերմ.)։
  32. Գնդային զեկույց (գերմ.)։
  33. Զինվորական ուսումնարան, պարապմունքներ երկտարեցի սաների համար (գերմ․)։
  34. Պահեստի պաշտոնյաների կազմի հաշվառում։ Գրո՛ղը տանի (գերմ․)։
  35. Որտեղ երգեն՝ քնիր անհոգ, երգեր չունեն լոկ չար մարդիկ (գերմ.)։
  36. Ի՞նչ եք անում դուք այստեղ, հե՛յ, փալաս (գերմ.)։
  37. Չեխական (գերմ.)։
  38. Մի երկու սիլլա (գերմ.)
  39. Պառկե՛լ (գերմ.)։
  40. Հետ դա՛րձ (գերմ.)։
  41. Մեր ապուշիկը (գերմ․)։
  42. Խստավարժություն կամ դաստիարակություն ( գերմ.)։
  43. Խիստ կալանք (գերմ․)։
  44. Պահ, ինչ մի մեծ բան է, միևնույն է, պիտի սատկի (գերմ․)։
  45. Զինվորները, միևնույն է, պետք է սատկեն (գերմ.)։
  46. Պառկել (գերմ.)։
  47. «Քաղաքացիապես հավասարների կողմից հարգվելու իրավունքի զրկում» (գերմ.)։
  48. Հե՛տ դարձ, մարշ (գերմ.)։
  49. Տոնակատարություն խոզ մորթելու առթիվ (գերմ.)։
  50. Հետ դարձ (գերմ.)։
  51. Գնդի գրագիր (գերմ.)։
  52. Իրար հետևի՛ց։ Դեպի սվինամա՛րտ (գերմ.)։
  53. Իշխան Եվգենի, ասպետն արի (գերմ.)։
  54. Տեր, պատժիր Անգլիային (գերմ.)։
  55. Կորչեն (գերմ.)։
  56. Կաց (գերմ․)։
  57. Ազատ (գերմ․)։
  58. Հառա՛ջ, մա՛րշ (գերմ.)։
  59. Երբ ես նորից վրադառնամ (գերմ.)։
  60. Իսկ դու, անգինս մնում ես այստեղ։ Հոլարիո, հոլո (գերմ.)։
  61. Ի դեպ (ֆրանս.)։
  62. Գյուղական կյանք (անգլ․)։
  63. Կաղին (գերմ.):
  64. Կեռնեխ (լատ.)։
  65. Ա՜, բարև, Ֆրեդի, ի՞նչ նորություն։ Ընթրիքն արդեն պատրա՞ստ է (գերմ.)։
  66. Երբ վերադառնամ, երբ նորից, նորից ես վերադառնամ (գերմ․ բարբառ):
  67. «Հաղթանակ և վրեժ», «Աստված, պատժիր Անգլիային», «Ավստո-Հունգարիայի որդին հայրենիք ունի։ Նա սիրում է իր հայրենիքը և գիտե, թե ինչու է մատնչում հայրենիքի համար» (գերմ․)։
  68. Լիտավայի Բրուկ (գերմ․)։
  69. Դա զզվելի է (գերմ.)։
  70. Զզվելի է, իսկապես զզվելի (գերմ.)։
  71. «Պարոն, պարոն, պարոն դատավոր», կամ՝ «Աղջիկներ, աղջիկներ, գյուղական աղջիկներ» (հունգ.)։
  72. Չեմ հասկանում (հունգ․)։
  73. Գերմաներն հասկանում եք (գերմ․)։
  74. Մի քիչ (գերմ. սխալով)։
  75. Տիկնոջն ասացեք, որ ուզում եմ իր հետ խոսել։ Ասացեք, որ միջանցքում նրա համար նամակ կա մի պարոնից (գերմ. սխալներով)։
  76. Տիկինն ասաց, որ ժամանակ չունի, եթե որևէ բան պետք է՝ հանձնեցեք ինձ (գերմ. սխալներով)։
  77. Նամակ տիկնոջ համար, բայց մարդու բան չասեք (գերմ. սխալներով)։
  78. Պատասխանին կսպասեմ այստեղ, նախասենյակում (գերմ.)։
  79. Հունգարական փողոցային հայհոյանք։
  80. Սա ի՞նչ է նշանակում։ Ո՞ւր է այն նզովյալ սրիկան, որ բերել է նամակը (գերմ․)։
  81. Ես եմ գրել, և ոչ թե օբեր-լեյտենանտը ( գերմ.)։
  82. Ստորագրությունը, ազգանունը, կեղծ են (գերմ․)։
  83. Ես ձեր կնոջը սիրում եմ (գերմ․)։
  84. Կապիտալ կին է (գերմ.)։
  85. Հանցագործության իրեղեն ապացույց (լատ.)։
  86. Կրակը դադարեցնել (լատ.)։
  87. Դիմանալ մինչև վերջ (գերմ.)։
  88. Եվ դեռ ուսյալ մարդ եք. իգական սեռը կլինի «ֆոժ»։ Իսկ արական սեռը կլինի «ֆոժակ»։ Մենք ձեզ լա՛վ ենք ճանաչում (գերմ․)։
  89. Օրհնյա, տե՛ր, մաջարներին (հունգ.) (հունգարական ազգային հիմնի առաջին տողը)։
  90. Նորեկ (գերմ.)։
  91. «Ուսումնասիրություն սեռական բարոյախոսության էվոլյուցիայի պատմության» (գերմ.)։
  92. Բանն ինչո՞ւմ է (գերմ.)։
  93. Շվեյկ և Վոդիչկա (գերմ․)։
  94. Գազարակերներ, հիմար ռոլմոպսեր, խաղաթղթի յոթնոց, կեղտոտ խոզ, սիլլաներ կհասցնեմ ձեր լուսնանման ռեխներին (լեհ․)։
  95. Բարեկամները անջատման պահին
    Հուսով ասում են. «Ց’նոր տեսություն» (գերմ.)։
  96. Պատվանշան (լատ.)։
  97. Չկրակե՛լ (գերմ.)։
  98. Չծեծե՛լ (գերմ․)։
  99. Մտե՛ք (գերմ.)։
  100. Համարձակվում եմ զեկուցել (գերմ.)։
  101. Այդպես է, ևս մի անգամ (գերմ.)։
  102. Հավատացեք, մինչև հիմա կյանքումս լավ բան քիչ եմ տեսել։ Այդ հարցն ինձ զարմացնում է (գերմ.)։
  103. Կես տարուց հետո ես պետական քննությունները կհանձնեմ և դոկտորի կոչում կստանամ (գերմ․)։
  104. Եթե դրանք լույս տեսնեն լավ կազմերով (գերմ.):
  105. Այդպիսի տրամադրությամբ նա հրավեր ստացավ և գնաց նրա մոտ (գերմ.)։
  106. Այո, պարոնայք, ինչ կուզեք ասեք, Կրամարժը, Շայները և Կլոֆաչը․․․ (գերմ.)։
  107. Տասնմեկերորդ երթային վաշտին (գերմ․):
  108. Վաշտի հրամանատարին (գերմ․)։
  109. Վաղն առավոտյան ներկայանալ խորհրդակցության (գերմ․)։
  110. Ժամը իննին։ Ստորագրություն (գերմ.)։
  111. Գնդապետ Շրեդեր (գերմ.)։
  112. Գրո՛ղը տանի քեզ (գերմ.)։
  113. Նորից խորհրդակցություն, գրողը տանի դրանց բոլորին (գերմ․)։
  114. Ավագ գրագիր ֆելդֆեբել Վանեկը, պարոն օբեր-լեյտենանտ. (գերմ․)։
  115. Այս ի՞նչ է, պարոնայք (գերմ.)։
  116. Ամենայն հավանականությամբ, կատվի կղկղանք, պարոն գնդապետ (գերմ.)։
  117. Հետևանքով ավելի ճիշտ թույլատրվում է կամ թե չէ ինքնուրույն կերպով ընդհակառակը ենթակա է հատուցման (գերմաներեն բառերի անիմաստ դասավորություն)։
  118. Գերմանական կոպիտ հայհոյանք։